Changes

Մարդկային կատակերգություն

Ավելացվել է 309 214 բայտ, 08:08, 7 Հոկտեմբերի 2016
/* Գլուխ առաջին․ ՅՈՒԼԻՍԻՍ */
|վերնագիր = Մարդկային կատակերգություն
|հեղինակ = [[Վիլյամ Սարոյան]]
|աղբյուր = [[«Ընտիր երկեր, չորս հատորով»«Մարդկային կատակերգություն»]]
|թարգմանիչ = Գր. Քեշիշյան
|կազմեց = Նատալյա Գոնչար
Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգել՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։
Նա ճիշտ ժամանակին հասավ երկաթգծին. տեսավ անցնող գնացքը՝ շոգեքարշից մինչև բեռնատար վագոնը։ Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց աղայի տղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ Վերջապես երևաց մի նեգր՝ հենված բեռնատար վագոնի եզրին։ Կառաշարի աղմուկի մեջ Յուլիսիսը լսեց այդ մարդու երգը.
''Այլևս մի լար, մի լար, լեդի, այսօր մի լար,''
Փոքրիկ տղան և նեգրը ձեռքով էին անում իրար, մինչև որ գնացքը կորավ տեսադաշտից։
Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ Ճանապարհով բեռը շալակին մի ծերուկ անցավ։ Յուլիսիսը նրան էլ ձեռքով արեց, բայց ծերուկն այնքան զառամյալ էր և հոգնած, որ չէր կարող հրճվել փոքրիկ տղայի բարեկամական ցույցից։ Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մերած մեռած լինեին։
Փոքրիկ տղան շրջվեց և դանդաղ քայլեց դեպի տուն։ Նրա ականջում դեռ գնացքի ձայնն էր։ Նեգրի երգն ու զվարթ խոսքերը՝ տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։
Երբ շրջվեց փողոցի անկյունը և տեսավ Մաքոլիների տունը, սկսեց ցատկոտել՝ ոտքով քշելով փողոցում ընկած կոշիկի մի կրունկ։ Այս զվարճանքից նա սայթաքեց ու ընկավ, բայց վեր կացավ ու շարունակեց քայլել։
Մայրը բակում հավերին կուտ էր տալիս։ Նա տեսավ որդու սայթաքելը, ընկնելն ու վեր կենալը։ Տղան արագ հասավ մորը և լուռ կանգնեց կողքին։ Իսկ հետո հավաբան հավաբուն մտավ ձու փնտրելու։ Մի հատ գտավ, վերցրեց նայեց և զգուշությամբ հանձնեց մորը։ Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։
==Գլուխ երկրորդ. ՀՈՄԵՐ==
— Մի բաժակ խմեմ ու անմիջապես ետ գամ,— ասաց Սփանգլերը։
 
==Գլուխ տասնհինգերորդ. ԱՆԿՅՈԻՆԻ ԱՂՋԻԿԸ==
 
Սփանգլերը շրջվեց, որ գնա, բայց կանգ առավ հեռագրային գործիքի ձայնից, այն ազդանշանից, որը հնչեց և անմիջապես նշանները սկսեցին տպագրվել ժապավենի վրա։ Սփանգլերը մոտեցավ գործիքին և սկսեց տպագրված նշանագրերը կարդալ։
 
— Իթաքա գինու ընկերությունից են կանչում,— ասաց նա Գրոգանին,— անտառի մեջ կորած այդ վայրից։ Եթե Հոմերը գա, թող սպասի, մինչև որ «Բնական չամիչ» ընկերությունից էլ կանչ լինի, ինչպես ամեն երեկո կանչում են։ Հոմերը արևմտյան ընկերությանը հաղթեց երկու անգամ։ Եթե կարողանա այսօր նորից հաղթել, այս ամիս շատ լավ գործ արած կլինենք։ Երեկ քանի՞ հեռագիր ստացանք նրանցից։
 
— Վաթսունյոթ,— ասաց Գրոգանը։
 
— Վաթսունութ հեռագրից վաթսունյոթը,— ասաց Սփանգլերը։— Առաջինը հասնող տղան ստանում է բոլոր հեռագրերը, բացի մեկից։ Երկրորդ հասնողը՝ միայն մեկը։ Լավ, ես գնամ մի բաժակ խմեմ։
 
Բայց այդ պահին մի ուրիշ ազդանշան տրվեց. կետ... կետ... գիծ... կետ... կետ... կետ... Երբ հեռագրատան վարիչը լսեց առաջին երկու կետերը, հասկացավ, որ «Բնական չամիչից» է, և որովհետև Հոմերը գրասենյակում չէր, բղավեց Գրոգանին։
 
— Ես կգնամ պատվերը բերելու, առաջինը այնտեղ ես պիտի հասնեմ։
 
Մինչ ազդանշանը կրկնվում էր երրորդ անգամ, Սփանգլերը վազելով, ինչպես ֆուտբոլիստը դաշտում, արդեն հասել էր հաջորդ թաղամասի կեսին։ Դիմացի անկյունում, երեսուն յարդ հեռավորության վրա, կանգնել էր ամոթխած, տխուր տեսքով տասնութ կամ տասնինը տարեկան մի աղջիկ։ Սիրուն էր նա, հոգնած, լուռ և հրաշալի։ Նա ավտոբուսի էր սպասում՝ աշխատանքից տուն գնալու համար։ Թեև Սփանգլերը շտապում էր, բայց, միևնույն է, չէր կարող չնկատել միայնակ աղջկան, որը նրան թվաց, մենության մարմնացում է աշխարհի վրա։ Առանց կանխամտածության, առանց կոտրատվելու, նա արագ հասավ աղջկան, մի պահ կանգ առավ և համբուրեց նրա այտը։ Հեռանալուց առաջ նա աղջկան ասաց միակ բանը, որ հնարավոր էր ասել այդ պահին։
 
— Դուք աշխարհի ամենասիրուն կինն եք։
 
Ու շարունակեց վազել։ Երբ «Բնական չամիչ» ընկերության սանդուղքով վեր էր բարձրանում, միանգամից թռչելով երեքական աստիճան, Արևմտյան ընկերության ցրիչը ուշացած, որովհետև առաքման քարտուղարը ազդանշանները անգիր չգիտեր ինչպես Սփանգլերը, նոր էր հեծանիվից իջնում շենքի առաջ։ Երբ Սփանգլերը արդեն գրասենյակ էր մտնում, Արևմտյան ընկերության ցրիչը սպասում էր վերելակի իջնելուն։
 
Կարծես դեռևս ցրիչ լիներ, Սփանգլերը մոտեցավ սեղանի առաջ նստած կնոջը.
 
— Փոսթալ թելեգրաֆ,— հայտարարեց նա։
 
— Թոմ,— ասաց ձեր կինը ուրախացած և զարմացած,– մի՞թե դու հիմա նորից ցրիչ ես։
 
— Ով ժամանակին ցրիչ է եղել, միշտ էլ ցրիչ կմնա,— ասաց Սփանգլերը, բոլորովին չշփոթվելով այս անիմաստ խոսքերից։ Նա ժպտաց ծեր կնոջը և ասաց։— Բայց ամենից շատ ես ցանկանամ էի ձեզ տեսնել, տիկին Բրոքինգտոն։
 
Արևմտյան ընկերության ցրիչը գրասենյակ մտավ։
 
— Արևմտյան ընկերությունը,— հայտարարեց նա։
 
— Ցավում եմ, որ նորից պարտվեցիր, Հարի,— ասաց միսիս Բրոքինգտոնը և ցրիչին մի հեռագիր մեկնեց։— Գուցե հաջորդ անգամ բախտդ բերի,— ասաց նա։
 
Արևմտյան ընկերության տղան նոր պարտությունից փոքր֊ինչ շփոթված, թեև այս անգամ պարտվել էր ոչ թե ուրիշ ցրիչից, այլ Փոսթալ թելեգրաֆի վարիչից, վերցրեց հեռագիրը և ասաց.
 
— Բոլոր դեպքերում շնորհակալ եմ, տիկին Բրոքինգտոն,— և գրասենյակից դուրս եկավ։
 
Ծեր կինը Սփանգլերին տվեց մի տրցակ հեռագիր։
 
— Այս բոլորը ձեզ, Թոմ,— ասաց նա,— հարյուր քսանինը գիշերային հեռագիր֊նամակներ են, երկրի բոլոր ծայրերը ուղարկելու համար, բոլորն էլ կանխիկ վճարված։
 
— Հարյուր քսանի՞նը,— ասաց Սփանգլերը,— այդ նշանակում է, որ այս ամիս գործերս վատ չեն։ Նա կռացավ վանդակորմին և համբուրեց ծեր կնոջը։
 
— Դե, խելոք, Թոմ,— ասաց միսիս Բրոքինգտոնը։
 
— Մի ընդդիմացեք,— ասաց Սփանգլերը,— դուք չպետք է վատ զգաք։ Ես ձեզ համբուրել եմ ցանկացել դեռ այն օրվանից, երբ առաջին անգամ եկա այստեղ և ձեզ տեսա, հիշո՞ւմ եք։ Քսան տարի է անցել, և դուք ամեն տարի գնալով ավելի եք գեղեցկանում։
 
— Օ՜, ի՞նչ եք ասում, Թոմ,— ասաց ծեր կինը,— ծեր կնոջը ձեռ առնելը լավ չէ։
 
— Ծեր,— ասաց Սփանգլերը,— դուք ծեր չեք։
 
— Դու ազնիվ ես, Թոմ,— ասաց տիկին Բրոքինգտոնը,— այդպես են քո բոլոր ցրիչները։ Որտե՞ղ է այն նորեկը։
 
— Հոմե՞րը,— ասաց Սփանգլերը։— Ուզում եք ասել Հոմեր Մաքոլի՞ն։ Դուք նրան ամեն օր կտեսնեք, և միշտ առաջինը։ Այսօր ցերեկը մենք մի քիչ դանդաղեցրինք մի միջադեպի պատճառով, որ պատահել էր նրա փոքր եղբորը՝ Յուլիսիսին։ Նա ընկել էր ինչ-որ թակարդի մեջ՝ Քովինգտոնի խանութում։ Հոմերը ստիպված էր գնալ և նրան դուրս հանել այնտեղից։ Բայց դուք սրանից հետո նրան հաճախ կտեսնեք։— Նա լռեց և ժպտաց ծեր կնոջը։— Ցտեսություն, Էմիլի,— ասաց նա։
 
— Ի՜նչ լավ է, որ հիշում եք իմ անունը,— ասաց ծեր կինը։
 
Փողոցում Սփանգլերը թեթևություն զգաց։ Նա գոհ էր Հոմերից, որ Յուլիսիսին դուրս էր հանել թակարդից, Գրոգանից, որ հակառակ թոշակի տարիքը վաղուց անցած լինելուն, իր գործը հրաշալի էր կատարում, Յուլիսիսից, որը հափշտակվում էր հեռագրատան ամեն ինչով, Օգիից, որն ուզում էր արագ մեծանալ և ցրիչ դառնալ, և նույնիսկ Դիանա Սթիդից։ Բայց ամենից ավելի ուրախանում էր այն աղջկա մասին մտածելով, որ քիչ առաջ, փողոցի անկյունում կանգնած, ավտոբուսի էր սպասում։ Երբ հասավ փողոցի անկյունը, նա մի պահ կանգ առավ ու ինքն իրեն ասաց.
 
— Ճիշտ այստեղ էր սպասում։ Շատ հավանական է նրան այլես չեմ տեսնի այնպես, ինչպես տեսա այսօր, կեսօրից հետո։
 
Նա սուլելով քայլեց փողոցն ի վար։ Երբ հասավ Կորբետի խորտկարան, դաշնամուրի ձայն լսեց։ Նվագում էին «Իմ միակ ուզածը դու ես» հին վալսը։ Նա առաջացավ դեպի դահլիճի պտտվող դուռը, մի րոպե ականջ դրեց, ապա ներս մտավ։ Կորբետը կանգնած էր բուֆետի առաջ։ Սփանգլերին նկատելով, նա անմիջապես գործի անցավ, բերեց նրա սովորական խմիչքը՝ շոտլանդական վիսկի և ջուր։
 
— Հելլո, Ռալֆ,— ասաց Սփանգլերը,— ինչպե՞ս են գործերը,— նա նայեց երաժշտություն լսող երեք զինվորներին։
 
— Ոչ լավ, ոչ վատ,— ասաց Կորբետը։— Զինվորներ են գալիս, որոնք վատնելու շատ ժամանակ ունեն, բայց ծախսելու՝ քիչ փող։ Նրանց մեկ դոլարի դիմաց ես երեքն եմ դնում, և երբ նրանց փողը վերջանում է և պատրաստվում են գնալու, փողը վերադարձնում եմ իրենց։ Ինչ արած։
 
— Կարո՞ղ ես այդքան շռայլություն թույլ տալ,— հարցրեց Սփանգլերը։
 
— Ոչ,— ասաց Կորբետը,— բայց ինչ արած։ Պատերազմից հետո գուցե դրա մի մասը վերադարձնեն։ Խորտկարանում աշխատելը պարզապես իմ բանը չէ։ Միշտ մնում եմ նույն երիտասարդ Կորբետը։— Նա մի րոպե լռեց՝ ինչ֊որ մտահոգող մի բան հիշելով։
 
— Երեկ գիշեր, Թոմ,— ասաց նա,— ըմպելարանի առջև աշխատում էի, երբ ինքն իրեն մեծ բանի տեղ դնող մի տղա բղավեց վրաս. «Հեյ, հաստագլուխ մի բաժակ էլ խմիչք բեր»։ Նա զինվոր չէր։ Ինչ֊որ տեղացի էր, Իթաքայից։ Նայեցի շուրջս, ինձնից բացի ուրիշ սպասարկոը չկար։ «Հաստագլո՞ւխ։ Դու ի՞նձ հետ ես այդպես խոսում»,— ասում եմ նրան։ «Հո ես ինձ հետ չեմ խոսում, հաստագլուխ»,— պատասխանում է լակոտը։ Լավ, ի՞նչ պետք է անեի։ Չէի կարող նրան խփել, որովհետև բռնցքամարտիկ եմ եղել։ Գնացի մոտը և նրան այսպես բռնեցի։— Կորբետը մի ձեռքով բռնեց Ափանգլերի օձիքից, իսկ մյուս ձեոքը բարձր պահած, սպասեց մի պահ, որ ցասումն անցնի, հետո ասաց այն, ինչ ասել էր նախորդ գիշեր այն խմած մարդուն։
 
— Դու երիտասարդ Կորբետի հետ ես խոսում։ Եթե քեզ խփեմ, շունչդ կփչես, իսկ ես չեմ ուզում, որ որևէ մեկը մեռնի իմ խորտկարանում։ Հիմա կորիր այստեղից և այլևս չերևաս։ Քանի դեռ ապրում ես, էլ չհամարձակվես ոտքդ այստեղ դնել։ Ու երբ կորչես-գնաս, ուրախ եղիր, որ ողջ ես մնացել։
 
Կորբետը թողեց Սփանգլերի օձիքը։ Նա կատաղությունից դողում էր։
 
— Դրանից հետո ձեռքերս ամբողջ գիշեր դողում էին,— ասաց նա,— բայց երեկ գիշերվա դեպքը միակը չէ։ Համարյա ամեն գիշեր պատահում է։ Եվ ամեն անգամ ես ինձ ասում եմ. հերիք է, պետք է փակել սա ու հեռանալ։ Սկսում եմ վախենալ։ Վախենում եմ, որ մի գիշեր կկորցնեմ գլուխս և մեկին կսպանեմ։ Խորտկարան պահելը հեշտ գործ չէ։ Խորտկարանատերը պետք է մի քիչ կոշտ մարդ լինի, իսկ ես չափից դուրս լավ սիրտ ունեմ։
 
Հեռագրատան վարիչն ու մրցանակ շահած նախկին բռնցքամարտիկը մի հինգ րոպե էլ խոսեցին, որից հետո Սփանգլերը վերադարձավ գրասենյակ։ Երբ նա հեռանում էր խորտկարանից, երեք զինվորները սկսեցին դաշնամուրը ավելի բարձր նվագել։ Այժմ նվագում էին «Սպիտակ կոկոն» երգը։ Զինվորները կարդում էին նոտայի տակի բառերը և փորձում էին դաշնամուրի նվագակցությամբ երգել։ Սփանգլերը մի րոպե լսեց։ Նրանք այնքան լավ չէին երգում, բայց երգում էին մի զգացմունքով, որ բոլորովին վատը չէր։
 
==Գլուխ տասնվեցերորդ. ՔԵԶ ՆՈՐԻՑ ՏՈԻՆ ԿՏԱՆԵՄ==
Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի հեռագրատան կառավարիչ Սփանգլերը գրասենյակ մտավ։ Առաքման սեղանի մոտ նա տեսավ երկու եղբայրներին, Հոմերին և Յուլիսիսին. ցրիչը հեռագիր էր ծալում և ծրարների մեզ տեղավորելով, դասավորում, իսկ կրտսեր եղբայրը մեծ հիացմունքով դիտում էր նրան։ Ցրիչը դարձավ իր պետին.
 
— «Բնական չամիչ» ընկերության հեռագիրը կարողացա՞ք ստանալ, միստր Սփանգլեր,— հարցրեց նա։
 
— Այո, ստացա,— ասաց Սփանգլերը,— հարյուր քսանինը հեռագիր։ Նա հեռագրերը ցույց տվեց ցրիչին։
 
— Հարյուր քսանինը,— ասաց Հոմերը,— ինչպե՞ս եղավ, որ դուք առաջինը հասաք։
 
— Վազեցի,— ասաց Սփանգլերը։
 
— Եվ վազելով հաղթեցի՞ք Արևմտյան ընկերությանը,— հարցրեց Հոմերը։
 
— Անշուշտ,— ասաց Սփանգլերը։— Դա հասարակ բան է։ Ճանապարհին նույնիսկ կանգ առա գեղեցկությանն ու անմեղությունը հարգանքներս մատուցելու։
 
Հոմերը չհասկացավ, բայց Սփանգլերը շարունակեց.
 
— Ոչ, ոչ, չեմ բացատրի,— ասաց նա։— Դու Յուլիսիսին տուն տար։
 
— Լավ, սըր,— ասաց Հոմերը,— մեզ կանչել են Գյուգենհեյմից։ Դա մեր ճանապարհի վրա է, այնպես որ ես Ցուլիսիսին հեծանիվով տուն կտանեմ, հետո կհանդիպեմ Գյուգենհեյմ և այդտեղից կգնամ Իթաքա Գինու ընկերություն, հետո Ֆոլի և անմիջապես կվերադառնամ։ Անհապաղ կվերադառնամ։
 
Ցրիչը դուրս եկավ գրասենյակից, և Սփանգլերը տեսավ, թե ինչպես է նա եղբորը զգուշությամբ նստեցնում հեծանիվի առջևը։ Ավագ եղբայրը իրեն գցեց հեձանիվի վրա և սկսեց քշել փողոցն ի վար։ Երբ նրանք քաղաքի կենտրոնից հեռացել էին, Յուլիսիսը շուռ եկավ և նայեց եղբորը։ Այդ օրը առաջին անգամ նրա դեմքը պայծառացավ Մաքոլիների նշանավոր ժպիտով։
 
— Հոմե՞ր,— ասաց նա։
 
— Ի՞նչ ես ուզում,— հարցրեց Հոմերը։
 
— Ես կարող եմ երգել,— ասաց Յուլիսիսը։
 
— Դա լավ է,— ասաց Հոմերը։
 
Յուլիսիսը սկսեց երգել։ «Մենք պիտի երգենք մի երգ»։ Նա լռեց և նորից սկսեց։ «Մենք պիտի երգենք մի երգ...», բայց նորից լռեց և անմիջապես նորից վերսկսեց։ «Մենք պիտի երգենք մի երգ»։
 
— Դա երգ չէ, Յուլիսիս,— ասաց Հոմերը,— դա երգի մի մասն է միայն։ Այժմ լսիր ինձ ու հետո ինձ հետ երգիր։— Ավագ եղբայրը սկսեց երգել, իսկ փոքր եղբայրը լսում էր.
 
''Այլևս մի լար, մի լար, լեդի, այսօր մի լար,''
 
''Եկ մի երգ երգենք մեր Քենթըքիի տան պատվին,''
 
''Եկ այդ հեռավոր տան երգը երգենք։''
 
— Նորից երգիր, Հոմեր,— խնդրեց Յուլիսիսը։
 
—Օ քեյ,— ասաց Հոմերը և սկսեց նորից երգել, բայց այս անգամ փոքր եղբայրը երգեց մեծի հետ և մինչ նրանք երգում էին, Յուլիսիսը նորից տեսավ գնացքը, նեգրին որը հենվել էր վագոնի եզրին ու ժպտալով ձեռքով էր անում։ Դա ամենահրաշալի բաներից մեկն էր, որ երբևէ պատահել էր Յուլիսիս Մաքոլիին՝ աշխարհում ապրած նրա չորս տարվա կյանքի ընթացքում։ Նա ձեռքով արեց այդ մարդուն, և մարդը պատասխանեց նրա ողջույնին, ոչ թե մի անգամ, այլ բազմաթիվ անգամներ։ Նա այդ կհիշի իր ողջ կյանքում։
 
Մաքոլիների տան առջև Հոմերը իջավ հեծանիվից և Յուլիսիսին զգուշությամբ ցած բերեց։ Նրանք մի պահ կանգնեցին, ունկնդրեցին իրենց մոր ու քրոջ տավիղն ու դաշնամուրը և հարևանուհի Մերի Արենայի երգը։
 
— Դե լավ, Յուլիսիս,— ասաց Հոմերը,— այժմ դու տանն ես։ Ներս գնա։ Մայրիկն այդտեղ է, ինչպես նաև Բեսն ու Մերին։ Ես պետք է աշխատանքս շարունակեմ։
 
— Աշխատանքդ շարունակե՞ս,— զարմացավ Յուլիսիսը։
 
— Այո,— ասաց Հոմերը,— բայց գիշերը տանը կլինեմ։ Ներս գնա, Յուլիսիս։
 
Փոքր եղբայրը սկսեց սանդուղքով բարձրանալ։ Երբ հասավ դռանը, մեծ եղբայրը նստեց հեծանիվը և փողոցն ի վար քշեց։
 
==Գլուխ տասնյոթերորդ. ԵՐԵՔ ԶԻՆՎՈՐ==
 
Երբ Սթիդների ընտանիքը և նրանց հյուրերը, ներառյալ Թոմաս Սփանգլերը, նստած էին ընթրիքի, Իթաքայամ ուժեղ անձրև էր գալիս։ Բես Մաքոլին և Մերի Արենան, անձրևանոցներ և կրկնակոշիկներ հագած, Հոմերի ճաշը հեռագրատուն էին տանում։ Դեղատան առջևով անցնելիս, դռան մոտ կանգնած մի երիտասարդ նրանց աչքով արեց։
 
— Է՜յ, սիրուն,— ասաց նա Բեսին,— ինչպե՞ս ես։
 
Բեսը, սեղմվելով Մերիին, ուշադրություն չդարձրեց երիտասարդի ասածին։ Նրանց դիմացից գալիս էին երեք երիտասարդ զինվորներ, որոնք փողոցում երջանկությունից գժություններ էին անում, նոր-նոր խաղեր հնարում։ Նրանք երջանիկ էին, որովհետև այդ գիշեր ազատ էին, որովհետև իրենց շուրջը ազնիվ և ծիծաղելի աշխարհն էր՝ իր հավիտենական կատակերգությամբ, երջանիկ էին նույնիսկ տեղացող անձրևի պատճառով։ Նրանք իրար հրմշտկում էին և ծաղրում, անզուսպ ծիծաղից պայթում, իրար մականուններ կպցնում. Հաստլիկ, Տեխաս և Ձի։ Երբ երեք տղաները տեսան Մերիին և Բեսին, հարգալիր կանգ առան և մեկը մյուսի ետևից գլուխները ցած խոնարհեցին։ Աղջիկներին այդ բանը դուր եկավ, բայց նրանք չգիտեին թե ինչ է հարկավոր անել, ինչ վերաբերմունք է պետք ցույց տալ։
 
— Նրանք տնից և ընտանիքից հեռու զինվորներ են, Բես,— շշնջաց Մերին։
 
— Արի կանգ առնենք,— ասաց Բեսը։
 
Աղջիկները կանգ առան երեք զինվորների առջև։
 
Նա, որ Հաստլիկ էր կոչվում, որպես խմբի պաշտոնական ներկայացուցիչ, զինվորների դեսպանը ամերիկացի աղջիկների մոտ, առաջ եկավ։
 
— Լեդիներ,— ասաց նա,— մենք՝ դեմոկրատական մեծ բանակի մարտիկներս, ձեր հլու ծառաները, մենք, զինվորներս, որ այսօր այստեղ ենք և հույս ունենք, որ այստեղ կլինենք նաև վաղը, շնորհակալ ենք ձեր գեղեցիկ դեմքերի համար, ինչպես պարզ, այնպես էլ այս անձրևոտ եղանակին։ Թույլ տվեք ներկայացնել ձեզ իմ ընկերներին և ձեր հավատարիմ երկրպագուներին։ Սա Տեխասն է, Նյու Ջերսիից։ Այս մեկը Ձին է՝ Տեխասից։ Իսկ ես Հաստլիկն եմ՝ քաղցի աշխարհից։ Սակայն այժմ, ամեն ինչից ավելի, ես գգում եմ ամերիկացի գեղեցիկ աղջիկների ընկերակցության քաղց։ Ի՞նչ կասեք այս առթիվ։
 
— Մենք կինո ենք գնում,— ասաց Բեսը։
 
— Կինո՞,— բացականչեց Հաստլիկը ողբերգական ձայնով,— արդ, կարո՞ղ ենք մենք՝ զինվորներս, որ այսօր այստեղ ենք, իսկ վաղը գուցե մեկնած կլինենք այստեղից, ընկերակցել ձեզ՝ ամերիկացի աղջիկներիդ։ Այս գիշերն այս գիշեր է, իսկ վաղը՝ վաղն է, բայց վաղը մենք, պետք է վերադառնանք մեր զորանոցները, պետք է վերադառնանք պատերազմի զզվելի, բայց անհրաժեշտ ու սուրբ գործին՝ ոչնչացնելու համար մարդու մեջ այն մանրէն, որը ձգտում է կործանել մարդու ազատ ոգին։ Այս գիշեր մենք ձեր եղբայրներն ենք՝ հեռու քշված մեր տաք անկյուններից ու տխուր։ Այո, թեև երջանիկ ենք և հպարտ, բայց տխուր ենք, որովհետև Իթաքան մեր հայրենի հողը չէ։ Ամերիկյան զինվորի այս զգեստի մեջ եմ մտել Չիկագո վայրագ քաղաքի խուլ փողոցներից, Իլինոյսի այդ հին երկրից։ Այս գիշեր հիշողությամբ ետ տարեք ինձ դեպի այդ քաղաքն ու այդ ժողովուրդը, և իմ բարի եղբայրներից յուրաքանչյուրին նույնպես տարեք իրենց հարազատ վայրերը։ Բարի սրտով ընդունեցեք մեր համեստ խնդրանքը, որովհետև մենք բոլորս մարդկային նույն ընտանիքից ենք, և եթե պատերազմը չլիներ, մենք իրար երբեք չէինք հանդիպի։ Այս պահը կանխորոշված էր բոլոր դարերի կողմից։— Զինվորը, որ Հաստլիկ էր կոչվում, խոնարհվեց, հետո ուղիղ կանգնելով, ասաց,— ի՞նչ է ձեր որոշումը։
 
— Նա խե՞նթ է,— շշնջաց Մերին։
 
— Ոչ,— ասաց Բեսը,— նա պարզապես տխուր է։ Արի նրանց հետ կինո գնանք։
 
— Շատ լավ, Բես,— ասաց Մերին,— բայց դու ասա նրանց։ Ես չեմ կարող։
 
Բեսը դարձավ զինվորին.
 
— Շատ լավ,— ասաց նա։
 
— Շնորհակալություն, լեդիներ,— ասաց Հաստլիկ կոչված զինվորը։— Շնորհակալություն։— Նա թևն առաջարկեց Բեսին։— Ուրեմն գնա՞նք,— ասաց նա։
 
— Նախ ես պետք է եղբորս ընթրիքը տանեմ,— ասաց Բեսը,— նա հեռագրատանն է աշխատում։ Մի րոպե էլ չի տևի։
 
— Հեռագրատո՞ւն,— ասաց Հաստլիկ կոչվող զինվորը,— ուրեմն ես էլ մի հեռագիր կուղարկեմ,— նա դարձավ մյուսներին,— դու ի՞նչ կասես, Տեխաս։
 
— Ի՞նչ արժե Նյու Ջերսի հեռագիր ուղարկելը,— հարցրեց Տեխասը։
 
— Ավելի քիչ, քան կգնահատեն ստացողները,— ասաց Հաստլիկը։ Նա դարձավ մյուս զինվորին։— Իսկ դո՞ւ, Ձի։
 
— Այո,— ասաց Ձի կոչվող զինվորը,— կարծեմ լավ կլինի հեռագիր ուղարկել մայրիկին, Ջոյին և Քեթիին։ Դա իմ աղջիկն է,— դարձավ նա Բեսին։
 
— Աշխարհի յուրաքանչյուր աղջիկ իմ աղջիկն է,— ասաց Հաստլիկը,— և քանի որ ես չեմ կարող հեռագիր ուղարկել նրանցից յուրաքանչյուրին, կուղարկեմ միայն մեկին։ Այդ մեկ հեռագրի մեջ ևս միլիոնավոր հեռագրեր կուղարկեմ։
 
Ծեր հեռագրիչ Վիլլի Գրոգանը մենակ էր գրասենյակում, երբ երկու դեռատի աղջիկները և երեք զինվորները ներս մտան։
 
Ծերունին կանգնեց սեղանի ետև։
 
— Ես Հոմերի քույր Բեսն եմ,— ասաց Բեսը։— Ես նրա ընթրիքն եմ բերել։— Նա ճաշը դրեց սեղանին։
 
— Ինչպե՞ս եք, միսս Մաքոլի,— ասաց Գրոգանը։— Շուտով Հոմերը կգա։ Ես ճաշը կհանձնեմ նրան։
 
— Իսկ այս տղաներն ուզում են հեռագիր ուղարկել,– ասաց Բեսը։
 
— Շատ լավ, երիտասարդներ,— ասաց Գրոգանը,— ահա ձեզ հեռագրի բլանկներ և մատիտներ։
 
— Ի՞նչ արժե Ջերսի Սիթի հեռագիր ուղարկելը,— ասաց Տեխասը։
 
— Քսանհինգ բառը հիսուն սենթ,— ասաց Գրոգանը,— գումարած մի փոքր հարկ։ Բայց հասցեն և ստորագրությունը մի հաշվեք։ Հեռագիրը տեղ կհասնի վաղ առավոտ։
 
— Հիսուն սե՞նթ,— ասաց Տեխասը,— դա այնքան էլ սարսափելի չէ,— նա սկսեց հեռագիրը գրել։
 
— Իսկ ի՞նչ արժե Սան Անտոնիոյի համար հեռագիրը,— ասաց Ջոն։
 
— Ջերսի Սիթիի արժեքի կեսը,— ասաց Գրոգանը,— Սան Անտոնիոն Իթաքային ավելի մոտ է, քան Ջերսի Սիթին։
 
Հաստլիկ կոչվող զինվորը հեռագիրը գրելուց հետո մեկնեց ծերունուն։ Գրոգանը կարդաց այն՝ բառերը հաշվելով.
 
«Էմմա Դանա
 
Չիկագոյի համալսարան,
 
Չիկագո, Իլինոյս
 
Սիրելիս, քեզ սիրում եմ, քեզ կարոտում եմ, միշտ քո մասին եմ մտածում, շարունակիր գրել։ Շնորհակալ եմ սվիտրի համար։ Այժմ ես իսկական, գործնական քաղաքատնտեսություն եմ սովորում։ Շուտով ռազմաճակատ կմեկնենք։ Մի մոռացիր կիրակի օրը եկեղեցի գնալ և աղոթել մեզ համար։ Ես երջանիկ եմ։ Սիրում եմ քեզ։
 
ՆՈՐՄԱՆ»։
 
Այնուհետև իր հեռագիրը տվեց Տեխաս կոչվող զինվորը։
 
«Տիկին Էդիթ Անթոնի
 
1702½ Վիլմինգտոն փողոց
 
Ջերսի Սիթի, Նյու Ջերսի
 
Սիրելի մայրիկ։ Ինչպե՞ս ես։ Ես հրաշալի եմ։ Ստացա նամակդ և չոր մրգերը։ Շնորհակալություն։ Ոչ մի բանի մասին մի մտածիր։
 
Ցտեսություն։ Սիրով՝
 
Բեռնար»։
 
Հետո Ձի կոչվող զինվորը ծերունի հեռագրողին մեկնեց իր հեռագիրը։
 
«Տիկին Հարվեյ Գիլֆորդ
 
211 Սանդիֆորդ բուլվար
 
Սան Անտոնիո, Տեխաս
 
Բարև, մայրիկ։ Պարզապես ուզում եմ ողջունել քեզ արևոտ Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքից։ Միայն թե անձրև է գալիս։ Հա, հա։ Բարևներ հաղորդիր բոլորին։ Ասա Ջոյին, որ կարող է իմ հրացանն ու փամփուշտները օգտագործել։ Մի մոռանա գրել։
 
Քվենտին»։
 
Զինվորներն ու աղջիկները հեռացան գրասենյակից, իսկ միստր Գրոգանը գնաց իր սեղանի մոտ՝ հեռագրերն ուղարկելու։
 
Երբ երեք զինվորներն ու ամերիկացի երկու աղջիկները «Կինեմա» կինոթատրոնի կենտրոնական մուտքից ներս մտան, էկրանի վրա երևաց Անգլիացի պրեմիեր֊մինիստր Ուինսթոն Չերչիլը, որը ելույթ էր ունենում Կանադայի պառլամենտի առաջ, մեր թվարկության 1942 թվականին։ Մինչ երիտասարդները նստում էին, միստր Չերչիլը իրար ետևից երեք բան ասաց, որը մեծ ուրախություն պատճաոեց Կանադայի պառլամենտի անդամներին և Իթաքայի «Կինեմա» կինոթատրոնի հանդիսատեսներին։ Հաստլիկ կոչվող զինվորը թեքվեց դեպի Բես Մաքոլին։
 
— Ահա,— ասաց նա,— մեր ժամանակի ամենամեծ մարդկանցից մեկը և միևնույն ժամանակ՝ մեծ ամերիկացի։
 
— Ես կարծում էի, որ Չերչիլը անգլիացի է,— նկատեց Ձի կոչվող զինվորը։
 
— Անշուշտ,— ասաց Հասսղիկը,— բայց նաև ամերիկացի է։ Այսուհետև աշխարհի յուրաքանչյուր նշանավոր մարդուն մենք պետք է ամերիկացի համարենք։— Նա մի փոքր մոտեցավ մյուս կողմի աղջկան՝ Մերի Արենային։— Շատ շնորհակալության, որ թույլ տվեցիք ձեզ հետ կինո գալ,— ասաց նա։— Մարդ իրեն լավ է զգում, երբ կողքին աղջիկներ կան։ Նրանք ավելի լավ են բուրում, քան զինվորները։
 
— Միևնույն է, մենք կինո էինք գնում,— ասաց Մերին։
 
Այնուհետև էկրանի վրա երևաց Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ կոչվող մարդը, Միացյալ Նահանգների պրեզիդենտը, որը Հայդ Պարկի իր բնակարանից ռադիոելույթ էր ունենում ազգի առաջ։ Նա խոսում էր իրեն հատուկ լուրջ և հումորով համեմված ոճով։ Հինգ երիտասարդները ուշադիր լսեցին նրան, և երբ ճառն ավարտվեց, ամբողջ սրահը ծափահարեց։
 
— Ահա այդ մեծերից ամենամեծը,— ասաց Ձի կոչվող զինվորը։
 
Այդ պահին էկրանի վրա երևաց Ամերիկայի դրոշը, ու հանդիսատեսների մի զգալի մասը սկսեց ծափահարել։
 
— Եվ ահա,— ասաց Տեխաս կոչվող զինվորը,— աշխարհի ամենամեծ դրոշը։
 
— Զարմանալի բան է,— ասաց Հաստլիկ կոչվող զինվորը Բեսին,— մարդ սկսում է ավելի շատ սիրել հայրենիքը, երբ այն վտանգի մեջ է։ Ուրիշ ժամանակ հայրենիքը շատ սովորական է թվում, ինչպես ընտանիքը։
 
— Իմ կոկորդը լցվում է ամեն անգամ, երբ տեսնում եմ այդ դրոշակը,— ասաց Բեսը։— Առաջ այն ինձ մտածել էր տալիս Վաշինգտոնի և Լինքոլնի մասին, իսկ այժմ մտածել է տալիս եղբորս՝ Մարկուսի մասին։ Նա նույնպես զինվոր է։
 
— Ուրեմն դու բանակում զինվոր եղբա՞յր ունես,— ասաց Հաստլիկը։
 
— Այո,— ասաց Բեսը,— վերջին անգամ, երբ նրանից լուր ստացանք, նա գտնվում էր ինչ֊որ տեղ Հյուսիսային Կարոլինայում։
 
— Ինձ թվում է,— ասաց Հաստլիկը,— որ դրոշակը յուրաքանչյուր մարդուն հիշեցնում է այն, ինչը նրա համար ամենամեծն է և ամենաթանկը։ Դրոշակը ինձ հիշեցնում է Չիկագոն, իսկ Չիկագոն ինձ համար ամեն ինչ է, որ իր մեջ ունի և լավ, և վատ բաները։ Օրինակ, իմ ընտանիքը, իմ սիրած աղջիկը՝ դրանք լավ բաներն են, իսկ խուլ, կեղտոտ ետնախորշերն ու քաղաքական խարդավանքները՝ դրանք վատ բաներ են, բայց ես այդ բոլորը սիրում եմ։ Մի օր մենք կազատվենք և՛ ետնախորշերից, և՛ քաղաքականությունից։
 
— Իմ կարծիքով Իթաքայում ետնախորշեր չկան,— ասաց Բեսը,— պարզապես աղքատ մարդիկ են։ Մենք կարծես ինչ֊որ քաղաքային կառավարություն ունենք, բայց չեմ կարծում, որ նա այնքան է զբաղվում քաղաքականությամբ, որ արժե դրա մասին խոսել։ Համենայն դեպս, մեր ընտանիքը նման բաներով չի զբաղվում։ Մենք երաժշտություն ենք սիրում։ Ես գրազ կգամ, որ հենց հիմա իմ Մարկուս եղբայրը մի ինչ֊որ տեղ ակորդեոն է նվագում։
 
Այդ պահին նրա Մարկուս եղբայրը գտնվում էր Հյուսիսային Կարոլինայի փոքրիկ քաղաքներից մեկի՝ «Սուզվող սավառնակ» կոչվող գինետանը։ Նրա հետ էին Թոբի Ջորջ անունով ընկերը և ուրիշ երեք զինվորներ։ Մարկուսը նվագում էր «Մի երազ» երգը, իսկ Թոբին երգում էր։ Դահլիճում երկու զինվոր պարում էին երկու աղջիկների հետ, որ նման էին Մերիին և Բեսին։ Երգից Հետո Թոբին նստեց Մարկուսի մոտ և խնդրեց, որ մի քիչ էլ պատմի Իթաքայի և Մաքոլիների ընտանիքի մասին։
 
Այն ժամանակ, երբ Մարկուսը սկսեց Թոբի Ջորջին պատմել Իթաքայի մասին, Թոմաս Սփանգլերն ու Դիանա Սթիդը մտան «Կինեմա» կինոթատրոնի դահլիճը։ Կինոնկարը սկսվեց։ Երբ նրանք նստած էին, էկրանը նկարների փոխարեն լցվեց բառերով, որ նշում էին կինոնկարի անվանումը և այն մարդկանց անունները, որ մասնակցել էին կինոնկարի ստեղծմանը։ Բազմաթիվ բառեր հարգանքի տուրք տվեցին բազմաթիվ մարդկանց աշխատանքին։ Դրան ուղեկցում էր հանդիսավոր, բայց անտեղի մի երաժշտություն, որը հատուկ ստեղծված էր այդ առթիվ։
 
Սփանգլերն ու Դիանան էկրանին շատ մոտ նստեցին, երրորդ կարգում, Բեսից, Մերիից և երեք զինվորներից տասը կարգ առաջ։ Նրանց աթոռները շարքի կենտրոնում էին. կողքի աթոռները զբաղեցնում էին փոքր երեխաներ։ Էկրանի վրա երևաց հիվանդանոցի սրահը, որի հատակը ծածկված էր նոր լինոլիումով։ Սրահի ծայրում դրված բարձրախոսից հնչեց մի մաղձոտ բուժքրոջ խռպոտ ձայն, որի խոսքը խիստ շեշտված էր։
 
— Դոկտոր Կավանա՛կ,— բղավեց նա,— շտապ վիրաբուժության բաժանմունք։ Դոկտոր Կավանա՛կ։
 
Թոմաս Սփանգլերը հենց որ այդ ձայնը լսեց, վեր կացավ։ Նա մի քանի բաժակ խմել էր, և այդ երեկո, որ բավական հաճելի էր անցել նրա համար, կոչված էր կարևոր դեր խաղալ նրա կյանքում։ Այդ օրը նա բավականին մտատանջություններ էր ունեցել, բայց այդ բոլորն արդեն անցել էին։ Այնպես որ, ոչ մի պատճառ չկար, որ նա իրեն պահեր այնպես, ինչպես պահում էին իր պատանի հարևանները։
 
— Օ՜ֆ,— ասաց նա։— Սխալ տեղ ենք ընկել,— նա բռնեց Դիանայի ձեռքը և ասաց,— գնանք։
 
— Բայց, սիրելիս, ֆիլմը դեռ չի ավարտվել,— շշնջաց երիտասարդ կինը։
 
Սփանգլերը նրան քաշեց։
 
— Ինձ համար ավարտվել է,— ասաց նա։— Արի։— Նրանք անցան մի փոքրիկ տղայի մոտով, որը էկրանին էր նայում մեծ հափշտակությամբ։
 
— Դու դրախտ կգնաս,— ասաց Սփանգլերը տղային, հետո դարձավ Դիանային,— դե արի գնանք, մի կանգնիր տղայի առաջ։
 
— Բայց, սիրելիս, ֆիլմը նոր է սկսվում,— ասաց Դիանան։
 
Տղան խոսեց Սփանգլերի հետ։
 
— Դուք ի՞նչ ասացիք, միստր,— հարցրեց նա։
 
— Դրախտ, դրախտ,— ասաց Սփանգլերը,— ասում եմ, որ դու դրախտ պիտի գնաս։
 
Երեխան վստահ չէր, թե հասկացավ Սփանգլերին։
 
— Ժամը քանի՞սն է,— հարցրեց նա։
 
— Չգիտեմ,— պատասխանեց Սփանգլերը,— բայց դեռ շուտ է։
 
— Անշուշտ, սըր,— համաձայնեց տղան։
 
Սփանգլերն ու երիտասարդ կինը անցնում էին դահլիճով։
 
— Գնանք Կորբետի մոտ,— ասաց Սփանգլերը։— Մի քանի բաժակ կխմենք, դաշնամուր կլսենք և հետո դու կարող ես տուն գնալ։— Էկրանին նայելով, նա սկսեց դուրս դալ դահլիճից։
 
— Դոկտոր Կավանակին տես,— ասաց նա։— Ձեռքի այդ զույգ աքցաններով նա հիմա մի բան կանի։ Հավանաբար սխալմամբ առողջ ատամը կհանի, նայիր նրան։
 
Երբ հասան կինոթատրոնի առաջամասը, երիտասարդ կինը այլևս չէր մտածում կինոյից այդքան շուտ դուրս գալու մասին։
 
— Դու ինձ սիրում ես, չէ՞,— ասաց նա Սփանգլերին։— Այո, սիրում ես։ Ինքդ գիտես, որ սիրում ես։
 
— Սիրո՞ւմ,— Սփանգլերը համարյա բղավեց։— Հապա ինչպես, չէ՞ որ քեզ կինո տարա։
 
Նրանք փողոց դուրս եկան և ուղղվեցին դեպի Կորբետի գինետունը։ Տեղացող անձրևից խուսափելու համար նրանք քայլում էին պատերի տակով։
 
==Գլուխ տասնութերորդ. ՄԻՍՏՐ ԳՐՈԳԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ==
 
Այն պահին, երբ Սփանգլերն ու Դիանան անձրևի տակ վազում էին դեպի Կորբետի խորտկարանը, Հոմեր Մաքոլին, մինչև ոսկորները թրջված, հեծանիվը կանգնեցրեց հեոագրատան առաջ և ներս մտավ։ Նա նայեց առաքման սեղանին։ Ոչ մի տեղից պատվեր չկար, միայն մի հեռագիր կար հանձնելու։
 
Միստր Գրոգանն ավարտեց հեռագրի մեքենագրությունը ու վեր կացավ։
 
— Քո քույր Բեսը ճաշ բերեց,— ասաց նա։
 
— Ճի՞շտ,— ասաց Հոմերը։— Էհ, դրա կարիքը չկար։ Ես ուզում էի մեզ համար երկու կարկանդակ գնել։— Նա վերցրեց կապոցը և ասաց։— Բավական էլ շատ է։ Միստր Գրոգան, չե՞ք ցանկանա ինձ հետ ընթրել։
 
— Շնորհակալ եմ,— պատասխանեց ծերունի հեռագրիչը,— քաղցած չեմ։
 
— Գուցե թե սկսեք ուտել,— ասաց Հոմերը,— և ձեր ախորժակը բացվի, միստր Գրոգան։
 
— Ոչ,— պատասխանեց ծերունին,— շատ շնորհակալ եմ։ Բայց դու ջուր ես կտրել։ Լսիր, մենք անձրևանոցներ ունենք։
 
— Գիտեմ,— ասաց Հոմերը,— ես անձրևի տակ ընկա։— Հոմերը մի սանդվիչ կծեց։— Միայն այս մեկը կուտեմ,— ասաց նա,— հետո հեռագիրը կտանեմ։— Նա մի պահ ծամեց, հետո նայեց ծեր հեռագրիչն։
 
— Իսկ ի՞նչ հեռագիր է,— ասաց նա։
 
Միստր Գրոգանը չպատասխանեց։ Հոմերը հասկացավ, որ մահվան գույժ է։ Նա դադարեց ծամելուց և հացը չոր֊չոր կուլ տվեց։
 
— Կուզենայի այդպիսի հեռագիր չհանձնել,— ասաց ցրիչը հեռագրիչին։
 
— Գիտեմ,— պատասխանեց միստր Գրոգանը։ Նա լռեց, իսկ ցրիչը ձեռքին պահում էր կիսատ թողած սանդվիչը։
 
— Շարունակիր, տղա,— ասաց միստր Գրոգանը,— ճաշդ կեր։ Քույրդ մի ուրիշ աղջկա հետ էր, մի շատ գեղեցիկ աղջկա։
 
— Օ, դա Մերին կլինի,— ասագ Հոմերը,— նա մեր հարևանուհին է, բանակում գտնվող իմ եղբայր Մարկուսի նշանածը։ Պատերազմից հետո պիտի ամուսնանան։
 
— Քո քույրը և Մերին երեք զինվորների հետ էին, որոնք հեռագրեր ուղարկեցին,— ասաց ծերունի հեռագրիչը։
 
— Ճի՞շտ,— ասաց Հոմերը,— որտե՞ղ են հեռագրերը։
 
Միստր Գրոգանը ցույց տվեց երկաթե ձողիկը, որի վրա շարված էին հեռագրերը։ Հոմերը վերցրեց և մեկ առ մեկ կարդաց, ապա նայեց ծեր հեռագրիչին։
 
— Միստր Գրոգան,— ասաց ցրիչը,— երբ որևէ մեկը պատերազմում մեռնում է, կարևոր չէ, թե ով՝ ծանոթ, թե անծանոթ, դրանից աշխարհում որևէ բան բարելավվո՞ւմ է։ Սա միայն Իթաքան է։ Սա միայն մի փոքրիկ քաղաք է Ամերիկայում։ Իսկ այսպիսի հեռագրեր ամեն տեղ ստանում են, հարուստ թե աղքատ, յուրաքանչյուր տուն։ Ի՞նչ կասեք այդ մարդկանց մասին։ Գուցե նրանք իզուր են մահանում։
 
Ծեր հեռագրիչը պատասխանելուց առաջ մի պահ սպասեց և մտածելով ծելով, որ միևնույն է, չի կարող ճշգրիտ պատասխան տալ, մոտեցավ իր սեղանին և դարակից հանեց շիշը։ Նա մի մեծ կում խմեց և նայեց ցրիչին։
 
— Ես բավական երկար եմ ապրել աշխարհում,— ասաց նա,— գուցե շատ երկար։ Թույլ տուր ասել քեզ, որ պատերազմում կամ խաղաղ Ժամանակ ոչ մի բան իզուր չի կատարվում, ուր մնաց մեռնելը։— Ծերունին փոքր֊ինչ լռեց, որպեսզի մի կում ևս խմեր, ապա շարունակեց.— Մարդկությունը մի ամբողջություն է, ինչպես դու,— ասաց նա,— ինչպես քո մեջ լավի կողքին կա վատը, այնպես էլ մարդկանց մեջ կա և լավը, և վատը։ Դրանք բոլորի մեջ կան անբաժան վիճակում, բոլոր ազգերի միլիոնավոր մարդկանց մեջ։ Այո, մեր ազգի մեջ նույնպես։ Եվ ինչպես որ մարդու խիղճը պայքարում է իր բնավորության հակասությունների դեմ, այնպես էլ այդ հակասությունները պայքարում են ապրող ամեն մի մարմնի մեջ, մարդկային հասարակության մեջ, ամբողջ աշխարհի մեջ։ Դրանից էլ առաջանում են պատերազմները։ Մարդկությունը ձգտում է ազատվել հիվանդությունից։ Բայց դու մի մտահոգվիր, որովհետև լավը անպարտելի է, իսկ վատը, ի վերջո, պարտվում է և փախուստի դիմում։ Հիվանդ մարմինն ու հիվանդ հոգին առողջանում են։ Նրանք կարող են նորից հիվանդանալ, բայց նրանք միշտ պիտի ապաքինվեն, իսկ յուրաքանչյուր նոր հիվանդությունից ու ապաքինումից մարմինն ու հոգին ամրապնդվում են և ի վերջո այնքան ուժեղ կդառնան, որ զերծ կլինեն կեղտերից, կլինեն ավելի նուրբ, ավելի ազնիվ, ավելի գեղեցիկ և վարակից հեռու։ Աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ, արդար է նա թե անարդար, այդ նպատակին է ձգտում։— Ծերուկը մի փոքր հոգնած էր։— Նույնիսկ գողը և մարդասպանը ձգտում են հասնել այդ բանին,— հառաչեց նա։— Ոչ ոք իզուր չի մեռնում։ Մարդիկ մեռնում են՝ ձգտելով դրախտի, տենչալով անմահություն, տենչալով ճշմարտություն ու արդարություն։ Կգա օրը, երբ բոլոր մարդիկ, մենք բոլորս, մեզնից ամենահետինն անգամ, կհասնեն վերջնական օթևանի, կհանգստանան, կսփոփվեն, կհասնեն անմահության, չարությամբ լեցուն այս աշխարհը կդառնա բարության մի աշխարհ։
 
Ծերունին ավելի խոր հառաչեց։ Նա մի պահ լռեց, ապա բաճկոնի գրպանից մի թղթի կտոր հանեց և մեկնեց ցրիչին։
 
— Խնդրում եմ, նորից դեղատուն գնա,— ասաց նա։
 
— Իսկույն, սըր,— ասաց Հոմերը և իրեն գրասենյակից դուրս շպրտեց։
 
Վիլյամ Գրոգանը հեռագրատանը մենակ մնաց։ Նա շուրջը նայեց գորովանքի տարօրինակ հայացքով, ինչ-որ ցասումով ու սիրով։ Դժվարությամբ բարձրացնելով ձեռքը, նա բռնեց սիրտը, կարծես համբերությամբ սպասելիս լիներ ուժեղ մի նոպայի, որը այլևս չէր կարող զարմացնել նրան։ Նա գնաց դեպի իր աթոռը և նստեց սարսափելի ինքնազսպումով, մինչև որ նոպան սկսեց մեղմանալ։
 
Ցրիչը վերադարձավ դեղատնից և հեռագրիչին տվեց փոքրիկ տուփը։
 
— Ջո՜ւր,— ասաց ծերուկը։
 
Հոմերը լիքը լցրեց թղթե բաժակը և տվեց ծերուկին, որը փոքրիկ տուփից երեք դեղահաբ հանեց, դրեց բերանը և վրայից ջուր խմեց։
 
— Շնորհակալ եմ,— ասաց նա,— շնորհակալ եմ, տղաս։
 
— Չարժե, սըր,— ասաց Հոմերը։
 
Նա մի պահ նայեց ծերունուն և վստահ լինելով, որ նա իրեն լավ է զգում, գնաց դեպի առաքման սեղանը, վերցրեց մահվան հեռագիրը։ Մի փոքր կանգնեց, նայեց հեռագրին, հետո բացեց ծրարը, որ հեռագիրը կարդա։ Ապա հեռագիրը դրեց նոր ծրարի մեջ, կնքեց և տեղացող անձրևի տակ գրասենյակից դուրս եկավ։ Ծեր հեռագրիչը վեր կացավ և մինչև փողոց հետևեց տղային։ Նա կանգնեց մայթին և դիտեց տղայի պայքարը քամու և անձրևի դեմ։ Գրասենյակի ներսում հեռագրատուփն սկսեց տկտկալ, բայց ծերուկը չլսեց։ Հեռախոսը զնգաց, բայց ծերուկը այդ էլ չլսեց։ Նա այն ժամանակ միայն շրջվեց, և գրասենյակ մտավ, երբ հեռախոսն արդեն յոթ անգամ զանգ էր տվել։
 
==Գլուխ տասնիններորդ. ՄԱՅՐԻԿԻՆ՝ ՍԻՐՈՎ==
 
Տասնգինգ րոպե հետո Հոմեր Մաքոլին հեծանիվից իջավ մի մեծ, գեղեցիկ հին տան առջև։ Այդ տանը ինչ֊որ տոնախմբություն էր։ Լուսամուտներից երևում էին պարող երիտասարդ զույգեր։ Երբ տեսավ, որ այդ հարկի տակ երջանկություն է տիրում, տղան վատ զգաց։ Նա ուղղվեց դեպի դուռը և, մի պահ կանգնելով, ունկնդրեց ներսից եկող երաժշտությունը։ Նրա մատը դողաց դռան զանգի վրա, հետո անզոր ցած ընկավ։
 
— Ես գրասենյակից կհեռանամ,— ասաց նա իրեն։— Ես կփախչեմ։ Ես այսպիսի աշխատանք չեմ ուզում։
 
Նա նստեց տան աստիճաններին։ Երկար ժամանակ հետո վեր կացավ, մոտեցավ դռանը և մատը սեղմեց կոճակին։ Երբ դուռը բացվեց, նա տեսավ մի երիտասարդ կնոջ և առանց մտածելու, թե ինչ է անում, ետ դարձավ ու վազեց դեպի հեծանիվը։ Երիտասարդ կինը նախամուտք դուրս եկավ և կանչեց.
 
— Է՜յ, ի՞նչ է պատահել։
 
Հոմերը իջավ հեծանվից և դանդաղ քայլեց դեպի նախամուտք։
 
— Ներողություն,— ասաց նա երիտասարդ կնոջը,— ես հեռագիր եմ բերել միսիս Քլոդիա Բոֆրերին։
 
— Մայրիկի ծննդյան օրն է,— ասաց երիտասարդ կինը ուրախացած։ Նա սրահ վերադարձավ։— Մայրի՜կ,— կանչեց նա,— քեզ հեռագիր են բերել։
 
Դեպի դուռը եկավ աղջկա մայրը։
 
— Վստահ եմ, որ Ալանից է,— ասաց նա։— Ներս արի, երիտասարդ,— ասաց նա Հոմերին,— դու իմ ծննդյան տորթից մի կտոր պետք է ուտես։
 
— Շնորհակալ եմ, տիկին,— ասաց Հոմերը,— ես պետք է աշխատանքի վերադառնամ։— Նա հեռագիրը մեկնեց կնոջը, որը այն վերցրեց այնպես, կարծես բացի շնորհավորագրից ուրիշ բան լինել չէր կարող։
 
— Միևնույն է,— ասաց նա ցրիչին,— ես քեզ բաց չեմ թողնի, մինչև որ մի կտոր տորթ չուտես և մի բաժակ փունջ չխմես։— Նա բռնեց Հոմերի թևից և նրան քաշեց դեպի սենյակ՝ սեղանի մոտ, որը բեռնված էր խմորեղենով, սանդվիչներով և փունջով։ Երաժշտությունն ու պարը շարունակվեցին։— Իմ ծննդյան օրն է, տղաս,— ասաց կինը։— Աստված իմ,— ծիծաղեց նա,— ծերանում եմ, բայց դու ինձ պետք է երջանկություն ցանկանաս, տղաս։— Նա Հոմերին մի բաժակ փունջ տվեց։
 
— Ես ձեզ ցանկանում եմ,— սկսեց Հոմերը։ Նա լռեց և հետո նորից սկսեց։— Ես ձեզ ցանկանում եմ,— բայց շարունակել չկարողացավ։ Նա փունջի բաժակը դրեց սեղանին և ուղղվեց դեպի դուռը։ Մայրը նայեց սենյակի չորս կողմը, հետո մի անկյուն քաշվեց, որտեղ կարող էր աննկատ մնալ, իսկ աղջիկը, հայացքը մորից չբաժանելով, գնաց դիմացի անկյանը։ Հոմերը իր հեծանիվի վրա էր արդեն և անձրևի տակ շտպում էր հեռագրատուն։ Սրահի պատի վրա, մոր դիմաց, սիրունատես, խարտյաշ գլխով մի տղայի դիմանկար էր կախված։ Նկարի անկյունում գրված էր. «Մայրիկին՝ սիրով Ալանից, իր 12-րդ տարեդարձի առթիվ»։ Մայրը բացեց հեռագիրը, կարդաց և սկսեց անձայն հեկեկալ։ Պատեֆոնը շարունակում էր նվազել «Իմ սևուկի համար» երգը, իսկ երջանիկ հյուրերը շարունակում էին պարել։ Աղջիկը նայեց մորը, հետո խելագարի նման վազեց դեպի պատեֆոնը և լռեցրեց այն։
 
— Մայրի՜կ,— բղավեց աղջիկը և ամբողջ ուժով վազեց դեպի սրահում կանգնած կինը։
 
==Գլուխ քսաներորդ. ԴԱ ՁԵՐ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՉ ԹԵ ԻՄ==
 
Վերջին սեանսն ավարտվեց, և «Կինեմա» կինոթատրոնը դատարկվեց։ Փողոցում Բեսը դարձավ Հաստլիկ կոչվող զինվորին և ասաց.
 
— Մենք արդեն պետք է տուն գնանք։
 
— Շնորհակալություն, լեդիներ,— ասաց Հաստլիկ մականունով զինվորը։
 
Ժամանակն էր, որ նրանք հրաժեշտ տային իրար, բայց փողոցում կանգնել էին և կարծես սպասում էին ինչ֊որ մի հրաշալի, լինելության սահմանի վրա գտնվող անբացատրելի բանի։ Հաստլիկ մականունով զինվորը նայեց Բեսին ու Մերիին, հետո, շատ պարզ ու անմեղ, համբուրեց նախ Բեսին, հետո՝ Մերիին։
 
Այդ ժամանակ Ձի մականունով զինվորը գոռաց.
 
— Օհո, բա մե՞նք, բա ես ու Տեխա՞սը։ Մե՞նք ինչով ենք վատ, մենք թլ ենք զինվոր։
 
Նա էլ համբուրեց Բեսին ու Մերիին։ Այնուհետև Տեխասը համբուրեց նրանց։ Փողոցով անցնող մի կին նայեց նրանց դժգոհությամբ։ Աղջիկներն արագ շրջվեցին և շտապեցին փողոցով ցած։ Ձի մականունով զինվորը ցատկեց և հրեց Տեխաս անունով զինվորին, որն իր հերթին հրեց Հաստլիկին։ Նրանք պոկվեցին տեղից՝ իրար կանչելով։
 
— Հուուո՜ւ։ Քեզ տեսնեմ, Տեխաս, քեզ տեսնեմ, Հաստլիկ,— գոռում էր Ձին։
 
— Ոսկի խոսքեր ես ասում, տղա,— Տեխասը գոռաց Հաստլիկին։— Ոսկի խոսքեր, ով Չիկագոյի համալսարանի մեծարգո սենատոր, Հաստլիկ։
 
Հաստլիկ կոչվող զինվորը բարձրաձայն ծիծաղեց։
 
Նրանք գնում էին մութ փողոցով, իրար հրմշտելով, ծիծաղելով և գոռալով։
 
— Է՛յ, տղաներ,— բղավեց Հաստլիկ կոչվող զինվորը,— երբ կոնգրես հասնեմ, ես նրանց մի երկու խոսք պիտի ասեմ։
 
— Յիպի֊այ֊այ,— բղավեց Ձին,— քայլեք շան որդիներ, դա ձեր դժբախտությունն է, ոչ թե իմ։
 
Զինվորներն սկսեցին իրար վրայից թռչել, իրար հրել ու խենթորեն խորասուզվել մութ, անվտանգ փողոցի մեջ՝ ընդառաջ գնալով պատերազմին։
 
==Գլուխ քսանմեկերորդ. ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՇԽԱՐՀ, ԱՎԵԼԻ ԼԱՎ ՄԱՐԴԻԿ==
 
Երբ դժբախտ ցրիչը Բոֆրերների տնից վերադարձավ հեռագրատան գրասենյակը, անձրևը դադարել էր։ Լուսինը փայլում էր, և դատարկված ու հոգնած ամպերը, այժմ սպիտակած, քշվում էին երկնքով։ Ցրիչը շատ էր հոգնած ու կաղալով գրասենյակ մտավ։
 
— Ի՞նչ է պատահել ոտքիդ, այ տղա,— հարցրեց ծեր հեռագրիչը,— առավոտվանից կաղում ես։
 
— Դատարկ բան է,— ասաց Հոմերը,— նոր հեռագրեր կա՞ն։
 
— Չկան, մաքրված է,— ասաց միստր Գրոգանը,— շուտով կարող ես տուն գնալ ու քնել։ Այժմ ասա, ի՞նչ է պատահել ոտքիդ։
 
— Կարծես ծնկիս հոդը խախտել եմ կամ դրա նման մի բան,— ասաց Հոմերը։ Նա փորձեց ոտքը ձգել։— Երկու հարյուր քսան յարդ արգելավազքի մասնակցեցի,— ասաց նա,— պարզվում է, որ Իթաքայի միջնակարգ դպրոցի մարզիչը ինձ չի սիրում։ Ես առաջինն էի վազում, երբ նա մտավ վազքուղի և փորձեց կանգնեցնել ինձ։ Ես եմ մեղավորը։ Ես տեսա նրան և եթե ուզենայի, կարող էի կանգնել բայց չուզեցի։ Նա իրավունք չուներ ինձ կանգնեցնելու, դրա համար էլ վազեցի, և երկուսով վայր ընկանք։ Նրա այդ միջամտությունը տեսնելով, մյուս տղաները դադարեցրին իրենց վազքը։ Մի տղա, որի անունը Հյուբերդ Էքլի Երրորդ է, կանգնեցրեց նրանց։ Այդ տղան ինձ երբեք դուր չի եկել։ Նա հարուստ ընտանիքից է և ինչ֊որ շատ լավ դաստիարակված։ Եվ, բացի այդ, նա դուր է գալիս Հելեն Էլիոթին, այն աղջկան, որն ինձ դուր է գալիս։ Որքան նա Հելենին դուր է գալիս, այնքան ես վառվում եմ և ավելի սիրում այդ աղջկան։ Ես կարծում եմ, որ այդ աղջիկը ինձ պարզապես չի նկատում։ Այսինքն՝ նա չի կարող ընդհանրապես ինձ չնկատել, բայց, ինձ թվում է, որ, նրա կարծիքով, ես ինձ շատ խելացի եմ համարում։ Ըստ երևույթին ես այդ աղջկան բոլորովին դուր չեմ գալիս։ Գուցե նա ինձ ատում է, բայց ամբողջ աշխարհում, բացի հարազատներիցս, ամենից շատ նրան եմ սիրում։ Ուրեմն, միստր Գրոգան, Բայֆիլդ անունով այդ դասատուն, իհարկե, վատը չէ, եթե նրան հասկանաս, բայց ես չգիտեմ որևէ մեկին, որ կարողանա հասկանալ նրան։ Նա միշտ անախորժություններ է փնտրում: Միսս Հիքսն ասում է, որ նա սուտ էլ է խոսում։ Միսս Հիքըը մեր հին պատմության դասատուն է։ Նա երեսունհինգ տարուց ավելի է՝ դաս է տալիս Իթաքայում։ Նա դաս է տվել իմ Մարկուս եղբորը և Բես քրոջս։ Ընկնելուց հետո ես, իհարկե, վեր կացա և սկսեցի նորից վազել։ Մյուս տղաները նույնպես սկսեցին վազել։ Արդարացի մրցում էր, հավասար պայմաններում։ Զգացի, որ ինչ֊որ բան կատարվեց իմ սրունքի հետ, բայց չկանգնեցի, որովհետև ուզում էի հաղթել։ Ես չէի ուզում հաղթել՝ պարզապես հաղթելու համար, չէի ուզում նույնիսկ Էքլիին հաղթել։ Այդ տղան ինձ զարմացրեց։ Նա կանգնեցրեց մյուսներին, երբ միստր Բայֆիլդը խանգարեց ինձ։ Ըստ երևույթին, Էքլին լավ տղա է, պարզապես մի քիչ շատ է բարեկիրթ և վերջ։ Ձեզ ճիշտն ասեմ, միստր Գրոգան, իմ երկու հարյուր քսան յարդ արգելավազքին մասնակցելու գլխավոր շարժառիթը սկզբում այն էր, որ միստր Սփանգլերը մասնակցել է այդ վազքին, Իթաքայի դպրոցը հաճախած ժամանակ, և հետո, ես ուզում էի հաղթել միսս Հիքսի համար։
 
— Գիտե՞ք ինչպես եղավ. հասկանալի է, Էքլին և ես դասարանում մի փոքր վիճեցինք, և ուսուցչուհին ստիպված եղավ դասերից հետո մեզ պահել։ Այնուհետև Բայֆիլդը, այդ մարզիչը, եկավ միսս Հիքսի մոտ, ստեց և Էթլիին մրցության տարավ, իսկ ինձ չտարավ։ Միսս Հիքսը ասաց, որ Բայֆիլդը աշակերտ եղած ժամանակ նույնպես ստում էր։ Միսս Հիքսը խորապես վիրավորված էր։ Ինձ թվում է, որ նա պարզապես չի կարողանում հանդուրժել ստող մարդկանց։ Նա ինձ պատմեց իմ Մարկուս եղբոր մասին և ապա թույլ տվեց, որ գնամ և մասնակցեմ վազքին։ Միստր Սփանգլերը Հովտի չեմպիոնն է եղել։ Ես նույնպես ուզում եմ Հովտի չեմպիոնը դառնալ, թեև, ճիշտն ասած, չեմ կարծում, որ այս տարի կկարողանամ հասնել իմ նպատակին։— Ցրիչը ոտքը մի քանի անգամ ձգեց։— Երևի այս գիշեր պետք է ինչ֊որ դեղ քսել։ Երևո՞ւմ է, որ կաղում եմ։
 
— Ոչ,— ասաց միստր Գրոգանը,— չէ, բայց մի քիչ նկատելի է։ Չե՞ս դժվարանում հեծանիվ քշելիս։
 
— Այո,— ասաց Հոմերը,— մի քիչ ցավում է, հատկապես երբ ձախ ոտքս եմ բարձրացնում։ Աշխատում եմ աջ ոտքով քշել հեծանիվը և թողնել, որ ձախ ոտքս պարզապես հետևի աջին։ Երբեմն ոտքս ոտնակից հանում եմ և կախում։ Այդ ձևով հանգստանում է։ Երևի մի բան է պատահել հոդի հետ, հարկավոր է դեղով շփել։
 
Լռություն տիրեց։ Հետո հին հեռագրիչն ասաց.
 
— Երեք օրվա ընթացքում բավական փոխվել ես։
 
— Նկատե՞լ եք, միստր Գրոգան,— ասաց ցրիչը։— Այո, ինձ էլ է թվում, որ բավական փոխվել եմ, կարծես մեծացել եմ։ Արդեն ժամանակն է, որ մեծանայի։ Մինչև այստեղ աշխատելս ես ոչինչ չգիտեի։ Անշուշտ, շատ բաներ գիտեի, բայց այս բոլորի կեսն էլ չգիտեի, և, հավանաբար, եթե չաշխատեի, չէի էլ իմանա։ Բայց անհրաժեշտ էր իմանալ։ Եթե որևէ մեկը պիտի իմանար, ուրեմն ես էլ պետք է իմանայի։ Բոլորը, նաև նրանք, ովքեր ինձ չեն սիրում, ասում են, որ Իթաքայի դպրոցի ամենաաչքաբաց տղան եմ։ Բայց ես այնքան էլ խելացի չեմ։ Ինձ թվում է, որ շատ բաներում, նույնիսկ կարևոր բաներում, ես նույնքան հետամնաց եմ, որքան մյուսները։ Բայց ուզում եմ ամեն ինչ հասկանալ և միշտ պիտի ձգտեմ հասկանալ։ Բայց ինչպե՞ս անել, մարդ ինչի՞ց կարող է իմանալ, որ արդեն հասկանում է։
 
— Ինչպե՞ս բացատրեմ,— ասաց ծեր հեռագրիչը,— ես ինքս էլ չգիտեմ, թե ինչպես կարելի է ամեն ինչ հասկանալ։ Բայց ուրախ եմ, որ դու որոշել ես անպայման հասնել դրան, ձգտում ես հասնել։
 
— Հապա ինչպե՜ս,— ասաց ցրիչը։— Գիտե՞ք, միստր Գրոգան, ես ուրիշ մարդկանց չեմ ճանաչում, և չգիտեմ, թե արժե արդյոք այս մասին ձեզ ասել, բայց ես այն տղան չեմ, ինչ որ մարդիկ կարծում են։ Ես միաժամանակ ուրիշ մարդ եմ, ավելի լավը։ Երբեմն նույնիսկ ինքս չգիտեմ, թե դա ինչպես է ստացվում։— Ցրիչը շարունակեց խոսել, որովհետև հոգնած էր, ոտքը ցավում էր, մահվան գույժ էր տարել մի երջանիկ տուն և որովհետև գիտեր, որ ծեր հեռագրիչը շատ լավ մարդ էր։— Երբեմն մտածում եմ,— շարունակեց նա,— որ աշխարհում ամեն ինչ ուրիշ ձևով պետք է լինի, աշխարհը պետք է ավելի լավը լինի, մարդիկ պետք է ավելի լավը լինեն և աշխարհի գործերը չպետք է այնպես ընթանան, ինչպես ընթանում են։— Նա մի պահ լռեց, հետո շարունակեց։— Այս մասին, բացի ձեզնից, ուրիշ որևէ մեկին կամաչեի ասել, միստր Գրոգան, բայց մի օր ես կաշխատեմ և կձգտեմ մի բան անել։ Չգիտեմ, թե ինչ կանեմ, բայց մի բան անպայման կանեմ։ Ես ոչինչ չգիտեի և ապրում էի երջանիկ երազանքի մեջ։ Մեր ամբողջ ընտանիքը երջանիկ է։ Մենք երջանիկ մարդիկ ենք, բայց ես ոչինչ չգիտեի։ Այժմ սկսել եմ քիչ-քիչ հասկանալ... Ամեն օր մի քիչ ավելի, և ամեն անգամ՝ տարբեր բան։— Ցրիչը նորեց լռեց, ստուգեց սրունքը, տեսնելու թե խոսելու ընթացքում չի՞ լավացել. չէր լավացել։— Ինձ դուր չի գալիս աշխարհի դրվածքը, միստր Գրոգան,— ասաց նա,— չգիտեմ ինչու, բայց ուզում եմ, որ ավելի լավ լինենք։ Ես համոզված եմ, որ ավելի լավը կլինենք։ Այժմ այնքան եմ սովորել, որ թվում է, թե ոչինչ չգիտեմ, բայց սրանից հետո պիտի ջանամ միշտ ավելին սովորել։ Սրանից հետո միշտ պիտի դիտեմ։ Պիտի միշտ մտածեմ իմ տեսածի մասին։ Դա մարդուն տխուր է դարձնում, բայց հոգ չէ։ Մենք, ճիշտ է, գոհ ու երջանիկ մարդիկ ենք, բայց և միաժամանակ՝ արի ու տոկուն։ Հոգ չէ, որ տխուր կլինեմ։ Ես մտածում եմ այն մարդկանց մասին, որոնք տխուր են և անարգված, բայց դիմացկուն չեն, և ինձ թվում է, որ աշխարհը լեցուն է նման մարդկանցով։ Ես այդ առաջ չգիտեի։ Հիմա ես չեմ էլ մտածի, եթե նույնիսկ Հելեն Էլիոթը ինձ չսիրի։ Կուզենայի, որ սիրեր, բայց եթե չսիրի, փույթ չէ։ Ես նրան սիրում եմ։ Ես նրան սիրում եմ ամբողջ սրտով, բայց եթե նա ուզում է իմ փոխարեն Հյուբերդ Էքլի Երրորդին սիրել, թող սիրի, հոգ չէ։ Նա լավ տղա է, և ինձ թվում է, որ Հելեն Էլիոթի նման նուրբ մեծացած աղջիկը պետք է Հյուբերդ Էքլի Երրորդի նման բարեկիրթ տղային սիրի։ Ես պարզապես անում եմ այն, ինչ իմ կարծիքով ճիշտ է և պարտավոր եմ անել։ Դպրոցում ես շատ ծիծաղելի բաներ եմ ասում, բայց ոչ ուսուցիչների գործը դժվարացնելու համար։ Ես դրանք ասում եմ, որովհետև անհրաժեշտ է ասել։ Բոլորը այնքան տխուր ու շփոթված են, և ամեն ինչ այնքան թերի է, սխալ ու խառնակ, որ ես ստիպված եմ երբեմն ծիծաղելի բաներ ասել։ Ինձ թվում է, որ բացի ողջ լինելուց մենք պետք է մի քիչ էլ ծիծաղենք։ Ես չեմ կարծում, որ կարող եմ նպատակադրված ձևով քաղաքավարի կամ բարեկիրթ լինել, նույնիսկ եթե ուզենամ։ Ես չեմ կարող քաղաքավարի լինել, եթե դա իմ ներսից չի բխում։
 
Ցրիչը նորից ոտքը ձգեց և խոսեց այնպես, կարծես իր ոտքը չլիներ։
 
— Սրան ինչ֊որ բան է պատահել։— Հետո նայեց ժամացույցին։— Ժամը տասներկուսն անց է հինգ րոպե։ Միստր Գրոգան,— ասաց նա,— երեի պետք է տուն գնամ, թեև քունս այնքան էլ չի տանում։ Վաղը շաբաթ է։ Առաջ շաբաթ օրը ինձ համար ամենալավ օրն էր։ Բայց այսուհետև այդպես չի լինի։ Հավանաբար գրասենյակ կգնամ։ Գուցե օգնեմ մի քիչ։— Առաքման սեղանից նա վերցրեց ճաշի ամանը։–– Մի սանդվիչ չէի՞ք ցանկանա, միստր Գրոգան,— հարցրեց նա։
 
— Ճիշտն ասած,— պատասխանեց ծեր հեռագրիչը,— վատ չէր լինի։ Լավ, լավ, կուտեմ, ես արդեն քաղցած եմ։— Միստր Գրոգանը բաց տուփից մի սանդվիչ վերցրեց և կծեց։
 
— Խնդրում եմ մորդ իմ շնորհակալությունը հայտնես։
 
— Ոչինչ,— ասաց ցրիչը։
 
— Ոչ,— ասաց միստր Գրոգանը,— դա ոչինչ չէ։ Խնդրում եմ իմ կողմից շնորհակալություն հայտնես նրան։
 
— Շատ լավ, սըր,— պատասխանեց Հոմերը և, դուրս գալով գրասենյակից, տուն գնաց։
 
==Գլուխ քսաներկուերորդ. ԵՂԻՑԻ ԼՈԻՅՍ==
 
Հեռագրատանը մենակ մնալով միստր Վիլլի Գրոգանը, որը մի ժամանակ երիտասարդ էր եղել և աշխարհի ամենաարագաշարժ հեռագրիչը, առանց շտապելու սկսեց իր սեղանը կարգի բերել։ Նա շատ մեղմ մի երգ էր մրմնջում, որը նրա հիշողության մեջ մնացել էր վաղ մանկությունից։ Մինչ ծերունին իր գործն էր անում, գրասենյակ մտավ Թոմաս Սփանգլերը։ Նա նոր էր դուրս եկել Կորբետի խորտկարանից և ալկոհոլի ազդեցության տակ իրեն երջանիկ էր զգում։ Մոտենալով սեղանին, նա նայեց ծեր հեռագրիչին, բայց ոչինչ չասաց։ Նրանք իրար հասկանում էին։ Հաճախ նրանք մի քանի ժամ աշխատում էին առանց որևէ բառ փոխանակելու։ Սփանգլերը հեռագրերի վրայից վերցրեց նվիրական ձուն և ուշադիր նայեց։ Հետո նորից այն դրեց հեռագրերի վրա և հաճույքով հիշեց աղջկան։ Նրա շուրթերը բնազդաբար ստացան աղջկա շուրթերի ձևը և ակամա կրկնեց այն խոսքերը, որ աղջիկն ասաց.
 
— Դու ինձ սիրում ես, չէ՞,— ասաց նա։— Այո, սիրում ես։
 
Ծեր հեռագրիչը նայեց գրասենյակի վարիչին։
 
— Ինձ հե՞տ ես, Թոմ,— ասաց նա։
 
— Վիլլի,— ասաց Սփանգլերը,— ի՞նչ կմտածեիր, եթե մի երիտասարդ կին քեզ այսպես ասեր. դու ինձ սիրում ես, այնպես չէ՞, այո, սիրում ես, սիրում ես։ Դու գիտես, որ սիրում ես։
 
— Ճիշտն ասած,— պատասխանեց Գրոգանը,— չգիտեմ, ինչ կմտածեի։
 
— Այդ կնոջը կսիրեի՞ր, Վիլլի,— հարցրեց Սփանգլերը և շարունակեց ընդօրինակել աղջկան. «Դու ինձ սիրո՞ւմ ես, չէ՞։ Նա միշտ այդպես է ասում»։
 
Սփանգլերը շփեց երեսը, կարծես երջանկությունը հաղթահարելու համար, հետո ասաց.
 
— Ինչպե՞ս են գործերը։
 
— Ամեն ինչ նույնն է,— պատասխանեց միստր Գրոգանը,— բացի անձրևից։
 
— Իսկ ինչպե՞ս է նոր ցրիչը,— հարցրեց Սփանգլերը,— լա՞վ է աշխատո՞ւմ։
 
— Իմ տեսածների մեշ լավագույնն է,— ասաց հեռագրիչը,— դու ի՞նչ կարծիքի ես նրա մասին։
 
— Ես նրան սիրեցի հենց այն պահից, երբ նա եկավ և աշխատանք խնդրեց,— պատասխանեց Սփանգլերը։ «Դու ինձ սիրում ես, չէ՞»։— Նա չէր կարողանում ազատվել Դիանա Սթիդից։ Ուրախ եմ, որ սիրում ես ցրիչին,— շարունակեց Սփանգլերը,— գրասենյակը փակելու մասին մի մտածիր, Վիլլի. ես ինքս կփակեմ։ Մի քիչ գործ ունեմ։ Այդ ցրիչը ինչ֊որ նշանավոր անուն ունի, չէ՞, Հոմեր Մաքոլի։ Ի՞նչ ես կարծում, ինչու նրա հայրը նրան Հոմեր անվանեց, փոխանակ Թոմաս, Վիլյամ, Հենրի կամ դրանց նման մի բան։ Սփանգլերը պատասխանի չսպասեց։ «Այո, դու սիրում ես»։
 
— Հոմերի եղբոր անունը Յուլիսիս է, իսկ քրոջ անունը Բես է։
 
— Հոմեր, Յուլիսիս, Բես,— ասաց Սփանգլերը։
 
— Մի ուրիշ եղբայր էլ ունի,— ասաց միստր Գրոգանը։— Մարկուսը ծառայում է բանւսկում։
 
— Մարկուս, Հոմեր, Յուլիսիս և Բես,— կրկնեց Սփանգլերը,— իսկ դու ինչո՞ւ տուն չես գնում, Վիլլի։
 
— Տո՞ւն,— ասաց միստր Գրոգանը և ժպտաց։— Եթե չես նեղանա, Թոմ, ես ուզում եմ քեզ հետ այստեղ նստել։ Գնալու ոչ մի տեղ չունեմ, անելու ոչինչ չունեմ, բացի քնելուց, իսկ քնելն այլևս ինձ հաճույք չի պատճառում։
 
— Լսիր, Վիլլի,— ասաց Սփանգլերը այնպիսի տոնով, կարծես խոսում էր երեխայի հետ,— չեմ ուզում, որ դու մտահոգվես. գիտեմ, որ դու մտահոգվում ես, բայց կարիք չկա։ Դու ծեր չես, և աշխարհում ոչ ոք չի կարող քեզ թոշակի ուղարկել։ Դու շատ լավ գիտես, որ այս գրասենյակում առանց քեզ կորած եմ։ Դու հարյուր տարի պիտի ապրես և ամեն օր պիտի աշխատես։
 
— Շնորհակալություն,— ասաց ծեր հեռագրիչը։ Նա լռեց մի պահ։ Ապա ցածրաձայն շարունակեց։— Այս գիշեր ես մի փոքր նոպա ունեցա։ Էհ, լուրջ բան չէր։ Նախօրոք զգացի։ Տղան այստեղ էր։ Նրան դեղի ուղարկեցի։ Դու գիտես, որ ես չպետք է դեղ խմեմ։ Ինձ բուժում է պետք և հանգիստ։
 
— Բժիշկները ամեն ինչ չեն հասկանում, իսկ դու և ես ապրում ենք հոգով։— Հետո հանկարծ ասաց.—«Դու ինձ սիրո՞ւմ ես, չէ՞»։ Բժիշկները մարմնից բացի ոչինչ չեն հասկանում,— ասաց նա,— և, այնուամենայնիվ, գուցե դու մի քիչ հանգստանաս։
 
— Է՛հ, կհանգստանամ,— ասաց միստր Գրոգանը,— շուտով մեծ հանգստի կգնամ, Թոմ։
 
— Վիլլի,— ասաց Սփանգլերը,— գնա Կորբետի մոտ և մի բաժակ խմիր, դաշնամուր լսիր, հետո կխոսենք անցած ժամանակների մասին, Վոլինսկու, Թոմլինսոնի, ծերուկ Դեյվընփորթի, հեռագրալարերը ձգող Հարրի Բուլի, խենթուկ Ֆրեդ Մքինտայրի և զարմանալի Ջերի Բիթիի մասին։ Վեր կաց, Վիլլի։ Մեկ-երկու բաժակ խմիր և երբ վերադառնաս, անցյալը կքրքրենք։
 
— Ինձ արգելված է խմել, Թոմ,— ասաց միստր Գրոգանը,— դու գիտես, որ ես չպետք է խմեմ։
 
— Անշուշտ, գիտեմ, որ չպետք է խմես,— ասաց Սփանգլերը,— բայց գիտեմ նաև, որ սիրում ես խմել. պետք է անել այն, ինչ սիրում ես, և դա հաճախ ավելի կարևոր է, քան այն, ինչ պարտավորված ես անել։ Գնա և մի բաժակ խմիր։
 
— Շատ լավ, Թոմ,— պատասխանեց միստր Գրոգանը և գրասենյակից դուրս եկավ։
 
Վերջին մի քանի րոպեներին, գրասենյակի դռան մոտ՝ մայթի վրա ետուառաջ էր անում մի երիտասարդ և գրասենյակից հաճախ ներս էր նայում։ Վերջապես նա ներս մտավ և կանգնեց սեղանի առաջ։ Սփանգլերը նկատեց նրան և մոտ գնաց։
 
— Ինչպե՞ս ես,— ասաց Սփանգլերը, հիշելով տղային,— ինձ թվում էր, որ դու վաղուց Փենսիլվանիայի ճանապարհին ես։ Չէ՞ որ մայրդ փող ուղարկեց։ Պարտքդ վերադարձնելու կարիք չկա։
 
— Պարտքը վերադարձնելու չեմ եկել,— ասաց երիտասարդը,— եկել եմ էլի վերցնելու և չեմ պատրաստվում խնդրել։— Նա հազաց։— Եկել եմ բռնի վերցնելու։
 
— Քեզ ի՞նչ է պատահել,— հարցրեց Սփանգլերը։
 
— Ահա թե ինչ է պատահել,— ասաց երիտասարդը և բաճկոնի աջ գրպանից մի ատրճանակ հանելով պահեց դողացող ձեռքերում։ Թոմաս Սփանգլերը, որը դեռևս մի քիչ հարբած և երջանիկ էր, չէր կարողանում կատարվածից բան հասկանալ։
 
— Դե, շուտ,— ասաց երիտասարդը,— փող տուր, քո ունեցած ամբողջ փողը։ Ամենուրեք մարդիկ իրար սպանում են, և փույթ չէ, եթե ես էլ քեզ սպանեմ կամ սպանվեմ։ Հուզված եմ և ոչ մի անախորժություն չեմ ուզում, բայց եթե հիմա քո ունեցած ամբողջ փողը չտաս, կկրակեմ։ Դե, փողը տուր, շուտ արա։
 
Սփանգլերը բացեց դրամարկղը և փողերը դուրս հանեց։ Նա փողերը դասավորեց՝ մանրը, մեծ թղթադրամները և այլն, ու դրեց սեղանին՝ աղայի առջև։
 
— Առանց այն էլ քեզ փող պիտի տայի,— ասաց նա,— բայց ոչ թե նրա համար, որ ինձ վրա ատրճանակ ես ուղղել։ Քեզ փող պիտի տայի, որովհետև դու դրա կարիքն ունես։ Ահավասիկ։ Եղած ամբողջ փողն այս է։ Վերցրու և տուն գնա։ Գնա ձերոնց մոտ։ Գողության մասին ոչ ոքի չեմ հայտնի։ Ինքս կփակեմ այդ հաշիվը։ Այստեղ մոտավորապես յոթանասունհինգ դոլար կա։
 
Նա սպասեց, որ տղան վերցնի փողը, բայց վերջինս ձեռքը չմեկնեց։
 
— Լուրջ եմ ասում,— ասաց Սփանգլերը,— վերցրու փողը և գնա։ Դու դրա կարիքն ունես։ Դու հանցագործ չես և ոչ էլ այնքան հիվանդ, որ չկարողանաս բուժվել։ Քո մայրը սպասում է քեզ։ Այդ փողը ինձնից թող նվեր լինի նրան։ Դու դրանով գող չես դառնա։ Պարզապես վերցրու փողը, ատրճանակը մի կողմ դիր և տուն գնա։ Զենքը գցիր, այդպես ավելի լավ կզգաս։
 
Երիտասարդը ատրճանակը դրեց գրպանը։ Այն ձեռքով, որով զենքն էր բռնել, ծածկեց դողացող շուրթերը։
 
— Ինձ մնում է ինքնասպան լինել,— ասաց նա։
 
— Հիմար բաներ մի ասա,— խոսեց հեռագրատան վարիչը։ Նա վերցրեց փողերը և մեկնեց երիտասարդին։— Դե՛, վերցրու,— ասաց նա,— եղած ամբողջ փողը սա է։ Վերցրու և տուն գնա։ Եթե ուզում ես, զենքը թող այստեղ, ինձ մոտ։ Վերցրու քո փողը։ Այո, դա քոնն է, քանի որ դու դրա համար զենք բարձրացնելու անհրաժեշտություն զգացիր։ Ես գիտեմ, թե դու ինչ ես ուզում, որովհետև ես ինքս նույնը զգացել եմ։ Մենք բոլորս էլ այդ նույն բանը զգացել ենք։ Գերեզմանատներն ու բանտերը լեցուն են ամերիկացի ազնիվ տղաներով, որոնց վատ բախտ և դժվարին պայմաններ են վիճակվել։ Նրանք ոճրագործներ չեն։ Վերցրու,— ասաց նա մեղմորեն,— վերցրու այս փողը։ Տուն գնա։
 
Երիտասարդը զենքը գրպանից հանեց և սեղանի վրայով հրեց դեպի Սփանգլերը, որը այն գցեց դարակի մեջ։
 
— Չգիտեմ, ով եք դուք,— ասաց նա,— բայց ոչ ոք ինձ հետ հետ այդպես չի խոսել, ինչպես դուք։ Ես զենքը չեմ ուզում և փողը չեմ վերցնի, բայց տուն կգնամ։ Մի կերպ այստեղ հասա, մի կերպ էլ կվերադառնամ։— Մի պահ նա հազաց, ապա ասաց։— Չգիտեմ մայրս որտեղից էր ճարել այդ երեսուն դոլարը։ Գիտեմ միայն, որ նա խնայած փող չուներ։ Դրա մի մասը խմեցի, մի մասն էլ տարվեցի, իսկ...
 
— Նստիր,— ասաց Սփանգլերը։ Մի պահ հետո երիտասարդը նստեց Սփանգլերի աթոռին։ Սփանգլերը նստեց սեղանին։
 
— Քեզ ի՞նչ է պատահել,— հարցրեց նա երիտասարդին։
 
— Ճիշտն ասած, չգիտեմ,— պատասխանեց երիտասարդը։— Կարծեմ հիվանդ եմ, գուցեև թոքախտ։ Եթե նույնիսկ չեմ, շուտով կլինեմ։ Չեմ սիրում գանգատվել։ Շատ անառողջ եմ, բայց դա իմ մեղքն է։ Հիմա կգնամ։ Շատ շնորհակալ եմ, կաշխատեմ մի օր ձեզ երախտահատույց լինել։— Երիտասարդը վեր կացավ և ուղղվեց դեպի գրասենյակի դուռը։
 
— Մի րոպե սպասիր,— ասաց Սփանգլերը,— նստիր։ Հանգստացիր։ Դու հիմա շատ ժամանակ ունես։ Շտապելու կարիք չկա։ Այսուհետև մի քիչ դանդաղ շարժվիր։ Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
 
— Չգիտեմ,— ասաց երիտասարդը,— չգիտեմ, որ կողմը գնամ և ինչ անեմ, ինչին հավատամ ու ինչին չհավատամ։ Հայրս քարոզիչ էր, բայց մահացավ, երբ ես երեք տարեկան էի։ Պարզապես չգիտեմ ինչ անել։— Նա նայեց Սփանգլերին։— Ի՞նչ կարելի է անել,— հարցրեց նա։
 
— Առանձնապես ոչինչ,— ասաց Սփանգլերը,— որևէ հարմար գործ։ Կարևոր չէ, թե մարդ ինչ է անում։ Որևէ լավ, պատվավոր աշխատանք։
 
— Ես միշտ անհանգիստ ու դժգոհ եմ եղել,— ասաց երիտասարդը,— չգիտեմ թե դա ինչից է։ Ինձ համար ոչ մի բան նշանակություն չունի։ Ես մարդկանց չեմ սիրում։ Չեմ սիրում նրանց հետ լինել։ Նրանց չեմ վստահում։ Չեմ սիրում նրանց ապրելը, խոսելը, այն բաները, որոնց հավատում են, այն, որ իրար անընդհատ հրմշտկում են։
 
— Ամեն ոք աշխարհում վաղ թե ուշ ապրում է այդ զգացումը,— պատասխանեց Սփանգլերը։
 
— Ես ինձ շատ լավ եմ ճանաչում,— ասաց երիտասարդը,— ես իմ արժեքը գիտեմ։ Արդարանալու պատճառներ էլ չունեմ։ Ամեն ինչի պատասխանատուն ես եմ։ Այժմ պարզապես հոգնած եմ, ձանձրացած եմ ու հիվանդ։ Ոչինչ ինձ չի հետաքրքրում։ Ամբողջ աշխարհը գժվել է։ Չեմ կարողանում իմ ուզած ձևով ապրել և ուրիշ կերպ ապրել չեմ ուզում է։ Իմ ուզածը փողը չէ։ Գիտեմ, որ կարող եմ որևէ գործ գտնել, մանավանդ հիմա, բայց չեմ սիրում այն մարդկանց, որոնցից կարելի է աշխատանք ստանալ։ Նրանք լավ մարդիկ չեն։ Չեմ ուզում նրանց առաջ գլուխ խոնարհել և թույլ չեմ տա, որ որևէ մեկը ինձ վիրավորի։ Փորձեցի մի քանի տեղ Յորքում, Փենսիլվանիայում։ Միշտ կռվել եմ և ինձ վտարել են։ Երեք կամ չորս օր, մի շաբաթ կամ մի շաբաթուկես։ Ամենաերկարը, որ դիմացել եմ՝ մի ամիս էր։ Յորքում փորձեցի բանակ գնալ, մտածեցի, որ այդպես լավ կլինի։ Ինչ֊որ տեղ կգնաս և գուցե սպանվես։ Եթե բանակում քեզ ճնշում են, ապա գոնե ասում են, որ դա ինչ֊որ նպատակի համար է, ինչ֊որ չափով անհրաժեշտ։ Չգիտեմ, իսկապե՞ս անհրաժեշտ է թե ոչ, բայց այդպես են ասում։ Նրանք ինձ մերժեցին։ Չկարողացա բժշկական քննությունից անցնել։ Միայն թոքերս չէին, ուրիշ բաներ էլ կային։ Չհետաքրքրվեցի։
 
Երիտասարդը սկսեց նորից հազալ, բայց այս անգամ համարյա մի ամբողջ րոպե։ Սփանգլերը սեղանի գզրոցից մի շիշ հանեց։
 
— Վերցրու,— ասաց նա,— մի կում խմիր։
 
— Շնորհակալություն,— ասաց երիտասարդը,— թեև ես չափից շատ եմ խմում, բայց այժմ խմելու պահանջ եմ զգում։— Նա շշից մի կում խմեց, ապա վերադարձրեց Սփանգլերին։— Շնորհակալության,— կրկնեց նա։
 
Սփանգլերը որոշեց, որ ավելի լավ է երիտասարդը խոսի։
 
— Ի՞նչ ես կարդում,— հարցրեց նա։
 
— Էհ, տարբեր բաներ,— ասաց երիտասարդը,— գոնե այդպես էր, երբ տանն էի։ Հայրս շատ գրքեր ուներ, ո՛չ միայն կրոնական, այլև լավ գրքեր՝ իսկական գրողների։ Իմ սիրած հեղինակը Վիլյամ Բլեյկն էր։ Գուցե ձեզ ծանոթ են նրա գործերը։ Սիրում էի նաև Շեքսպիր, Միլտոն, Պոպ, Դոնն, Դիկենս, Թեքերեյ։ Կարդացել եմ իմ հոր ունեցած բոլոր գրքերը, մի մասը երկու անգամ, մի քանիսը՝ երեք; Սիրում էի կարդալ, իսկ հիմա՝ ոչ։ Հիմա ես չեմ ուզում նույնիսկ թերթերի երեսը տեսնել։ Նախապես գիտեմ բոլոր լուրերը։ Ապականություն ու սպանություն է ամեն տեղ, ամեն օր, և աշխարհում ոչ մի մարդ չի ազդվում դրանից։— Նա գլուխն առավ ափերի մեջ և շարունակեց ցածրաձայն խոսել՝ առանց գլուխը բարձրացնելու։— Չեմ կարող շնորհակալություն չհայտնել ձեր արածի համար,— ասաց նա,— պետք է ասեմ, որ կսպանեի ձեզ, եթե դուք վախենայիք ինձնից կամ կոպիտ վերաբերվեիք ինձ հետ։ Աշխարհում բոլորը կամ վախկոտ են, կամ՝ կոպիտ։ Հիմա գիտակցում եմ, որ այստեղ փողի համար չէ, որ եկա։ Չգիտեմ, կհասկանա՞ք ինձ, բայց ես այստեղ եկա վերջնականապես համոզվելու, որ իմ ճանաչած բոլոր մարդկանց մեջ աշխարհի միակ պատվավոր մարդը դուք էիք, որ բարի եք եղել մի ուրիշի նկատմամբ։ Ուզում էի իմանալ, թե արդյո՞ք բարի եղաք պարզապես այդպիսին լինելու համար։ Եկա պարզելու, թե արդյո՞ք դա պատահականություն չէ։ Չէի կարողանում հավատալ, թե որևէ մեկը կարող է իսկապես լավ լինել, որովհետև այդպիսով մարդկանց մասին ունեցած իմ ամբողջ պատկերացումը սխալ է դուրս գալիս։ Երկար ժամանակ այնպես էի կարծում, որ մարդկային ցեղը անհուսալիորեն ապականված է, որ աշխարհում ոչ մի մարդ չկա, որը իսկապես մարդ լինի, արժանի հարգանքի։ Երկար ժամանակ ատում էի ոչ միայն այս աշխարհի հզորներին, այլև անարգվածներին։ Եվ ահա, տնից հազարավոր կիլոմետրեր հեռու, օտար քաղաքում հանդիպեցի մի մարդու, որ արժանապատվություն ունի։ Երկար ժամանակ մտածում էի այդ մասին։ Չէի կարողանում հավատալ։ Ուզում էի ստուգել։ Ուզում էի հավատալ, որովհետև տարիներ շարունակ ես ինձ ասում էի. «Թող աշխարհում չապականված գեթ մի մարդ գտնեմ, որպեսզի ես ինքս էլ անբասիր լինեմ, որպեսզի հավատամ և ապրեմ»։ Առաջին անգամ, երբ մենք հանդիպեցինք, վստահ չէի դրան, բայց այժմ վստահ եմ։ Ձեզնից ուրիշ բան չեմ ուզում։ Դու իմ ամբողջ ուզածը տվեցիք։ Ավելին տալ չեք կարող։ Հասկանո՞ւմ եք։ Հիմա ես վեր կկենամ և ձեզ մնաք բարով կասեմ։ Իմ մասին մի մտահոգվեք։ Տուն եմ գնում։ Այս հիվանդությունից չեմ մահանա, կապրեմ։ Եվ հիմա գիտեմ, թե ինչպես պետք է ապրել։— Երիտասարդը մի պահ գլուխը բարձրացրեց, հետո դանդաղ վեր կացավ և նայեց Սփանգլերին։— Շատ շնորհակալ եմ,— ասակ նա։
 
Սփանգլերը հայացքով ճանապարհեց երիտասարդին։ Վերադարձավ դրամարկղի մոտ և փողը տեղը դրեց։ Նա վերցրեց երիտասարդի զենքը և դատարկեց։ Նա զենքը ետ դրեց դարակի մեջ, իսկ փամփուշտները դրեց գրպանը։ Հետո մոտեցավ պողպատե տուփին, որտեղ օրվա հեռագրերն էին պահվում, և մի ծրարի մեջ գտավ տղայի մորը ուղարկած հեռագիրը։ Հեռագրատան վարիչը հեռագրի մի թերթիկ վերցրեց և սկսեց գրել։
 
''Միսիս Մարգըրեթ Սթրիքման''
 
''Բիթլ փողոց, 1874''
 
''Յորք, Փենսիլվանիա''
 
''Սիրելի մայրիկ, շնորհակալություն դրամի համար, շուտով տանը կլինեմ, ամեն ինչ լավ է։''
 
Նա կարդաց հեռագիրը, հետո որոշեց «լավ» բառը փոխել «հրաշալի» բառով։ Հետո մի պահ հիշեց երիտասարդին և ավելացրեց, «Սիրով, Ջոն»։ Նա գնաց միստր Գրոգանի տեղը՝ հեռագրի սեղանի մոտ և ազդանշան ուղարկեց գծի մյուս ծայրը։ Մի քանի վայրկյան հետո նրա կանչին պատասխանեցին, և Սփանգլերը ժպտալով հեռագիրն ուղարկեց գծի մյուս ծայրը։ Երբ ավարտեց հաղորդումը, վեր կացավ և գնաց իր սեղանի մոտ։
 
Վիլյամ Գրոգանը ներս մտավ և նստեց իր աթոռին, որտեղ երիտասարդն էր նստել։
 
— Այժմ ինչպե՞ս ես,— հարցրեց Սփանգլերը ծեր հեռագրիչին։
 
— Ավելի լավ, անշուշտ,— ասաց միստր Գրոգանը։— Երկու բաժակ խմեցի, Թոմ։ Լսեցի զինվորների երգը։ Նրանք սիրում են այդ դաշնամուրը և այդ հին երգերը, երգեր որոնք երբեք լսելու առիթ չեն ունեցել։
 
— «Դու ինձ սիրում ես, այնպես չէ՞»,— ասաց Սփանգլերը,— «Այո, սիրում ես, ինքդ գիտես, որ սիրում ես»։ Ահա թե ինչ է ասում նա, Վիլլի,— ասաց Սփանգլերը ծեր հեռագրիչին,— և թե ինչ ձևով է ասում։ Ինձ թվում է, որ ես կամուսնանամ նրա հետ։
 
Սփանգլերը մի պահ դադարեց Դիանա Սթիդի մասին երազելուց և ուշադիր նայեց իր հին ընկերոջ դեմքին։
 
— Հին երգերը,— ասաց նա,— հրաշալի են։
 
— Թոմ,— ասաց միստր Գրոգանը,— հիշո՞ւմ ես, թե Դեյվընփորթը ինչպես էր այդ բալլադները երգում։
 
— Անշուշտ,— պատասխանեց Սփանգլերը։— Քանի դեռ կա այս գրասենյակը, իմ ականջներում կհնչի նրա ձայնը։ Հենց հիմա էլ ես լսում եմ նրան։ Բայց ոչ միայն հին բալլադները, այլև եկեղեցական երգերը։ Մի մոռանա այն սաղմոսները, որ ծեր Դեյվընփորթը երգում էր ամեն կիրակի։
 
— Ես դրանք չեմ մոռացել,— ասաց միստր Գրոգանը,— բոլորն էլ հիշում եմ։ Նա սիրում էր ցույց տալ, որ անհավատ է, բայց ամեն կիրակի կրոնական հիմներ էր երգում, ծխախոտ ծամելով, հեռագրեր ուղարկելով, երգելով և ծխախոտի մնացորդը թքամանի մեջ գցելով։ Առավոտ շուտ երգում էր. «Բարի գալուստ, հրաշալի արշալույս, ամբողջ օրը թող սուրբ լինի»։ Նա մեծ մարդ Էր, Թոմ։ Հետո բղավում էր. «Այս օրը լույսի օր է. եղիցի լույս»։
 
— Հիշում եմ,— պատասխանեց Սփանգլերը,— հիշում եմ։ «Եղիցի լույս»։ Եվ հետո ծամած ծխախոտը թքում էր թքամանի մեջ։
 
— Դրանից հետո,— ասաց միստր Գրոգանը,— երգում էր. «Տեր, առավոտվա և գիշերվա աստված, շնորհակալ ենք քո պարգևի՝ լույսի համար»։ Մեծ անհավատ էր, ամեն ինչից առավել սիրում էր լույսը և կյանքը։ Եվ հետո, օրվա վերջում, դանդաղ վեր էր կենում աթոռից, թևերը տարածում էր ու մեղմաձայն երգում. «Այժմ օրը ավարտված է, գիշերն է մոտենում»։ Նա գիտեր բոլոր հին հրաշալի երգերը և բոլորն էլ սիրում էր։ «Փրկիչ», գոռում էր նա, ձևացնելով, իբրև թե անհավատ է և ծաղրում է. «Փրկիչ, օրհնիր մեր երեկոն նախքան մեր հոգիների հանգստանալը։ Մեր ցանկություններն ու մեղքը խոստովանում ենք քեզ. դու կարող ես փրկել և ամոքել մեզ»։
 
Հեռագրիչը լռեց՝ հիշելով իր ընկերոջը, որը տարիներ առաջ մահացել էր։
 
— Ճշմարիտ է, Թոմ,— ասաց նա,— ճշմարիտ է։ Հեռագրատան վարիչը ժպտաց իր ծերունի ընկերոջը և խփեց նրա ուսին։ Ապա գնաց լույսը հանգցնելու և գրասենյակը փակելու։
 
==Գլուխ քսաներեքերորդ. ՄԱ՜Հ, ԻԹԱՔԱ ՄԻ ԳՆԱ==
Հոմեր Մաքոլին վերջապես պառկեց, բայց անկողնում անհանգիստ շուռումուռ էր գալիս։ Երազում տեսավ, որ ինքը նորից վազում էր ցածր արգելքներով երկու հարյուր քսան յարդ արգելավազքը, բայց ամեն անգամ արգելքին մոտենալիս Բայֆիլդը դեմն էր ելնում և ուզում էր կանգնեցնել։ Այնուամենայնիվ, նա փորձում էր թռչել, և երկուսով ընկնում էին։ Հաջորդ թռիչքին Բայֆիլդը դարձյալ այդտեղ էր։ Ի վերջո, Հոմերի ոտքը այնպես ցավեց, որ երբ նորից փորձեց թռչել, ընկավ։ Նա վեր կացավ, խփեց Բայֆիլդի դնչին ու գոռաց.
 
— Բայֆիլդ, դուք չեք կարող ինձ կանգնեցնել։ Երբեք չեք կարող ինձ կանգնեցնել, ինչ տեսակ վազք էլ որ լինի՝ ցածր արգելքներով, թե բարձր։
 
Նա նորից սկսեց վազել, սկզբում կաղալով, հետո ավելի ու ավելի թեթև, բայց հաջորդ արգելքը շատ բարձր էր, գրեթե ութ ոտնաչափ։ Այնուամենայնիվ, Հոմեր Մաքոլին, Իթաքայի, գուցեև ամբողջ Կալիֆոռնիայի ամենամեծ մարդը, հրաշալի կերպով հաղթահարեց այդ արգելքը։
 
Մյուս երազում նա հեռագրիչի համազգեստ էր հագել և հեծանիվը արագ քշում էր փողոցն ի վար։ Հանկարծ Բայֆիլդը հայտնվեց նրա ճանապարհին։ Բայց Հոմերը նրան թափով մի կողմ հրեց։
 
— Բայֆիլդ,— բղավեց նա,— ես ձեզ ասացի, որ դուք չեք կարող ինձ կանգնեցնել։— Նա բարձրացրեց ղեկը, և հեծանիվը գետնից բարձրանալով թռավ Բայֆիլդի գլխի վրայով ու թեթև ցած իջավ մյուս կողմում։ Սակայն հենց որ հասավ գետնին, Բայֆիլդը նորից կտրեց նրա ճանապարհը։ Հեծանիվը նորից բարձրացավ գետնից և սկսեց պտտվել նրա գլխի վերև։ Բայց այս անգամ այն մնաց վերևում։ Բայֆիլդի գլխից քսան ոտք բարձր։ Նա կանգնեց փողոցում զարմացած և դժգոհ.
 
— Դու իրավունք չունես, դու խախտում ես ձգողականության օրենքը։
 
— Իմ ի՞նչ գործն է ձգողականության կամ միջին հավասարության, պահանջի ու հատուցման օրենքները և կամ մեկ այլ որևէ օրենք։ Դուք ինձ կանգնեցնել չեք կարող։ Դուք չեք կարող ինձ կանգնեցնել, հասկացա՞ք։ Ճիճու, փոշի, կեղտ, ահա թե ինչ եք դուք, ես ձեզ հետ գործ չունեմ։— Ցրիչը շարունակեց իր թռիչքը՝ փողոցում մենակ թողնելով այդ խայտառակ և ստոր մարդուն։
 
Այնուհետև Հոմերը հեծանիվով թռավ բարձր, սև ամպերի միջով։ Երբ ցրիչը թռչում էր երկնքով, նա տեսավ ցրիչի համազգեստով մի ուրիշ հեծանվորդի, որը սև ամպերի մեջ ավելի արագ էր սլանում, քան ինքը։ Երկրորդ ցրիչը զարմանալիորեն նման էր Հոմերին, կարծես նա հենց ինքն էր, բայց միևնույն ժամանակ Հոմերը վախենում էր նրանից։ Հոմերը սուրաց նրա ետևից, որպեսզի պարզի նրա ով լինելը։
 
Երկու հեծանվորդները երկար տարածություն անցան, մինչև որ Հոմերը բավական մոտեցավ նրան։ Հանկարծ մյուս ցրիչը շուռ եկավ Հոմերին նայելու, և Հոմերը զարմանքով նկատեց, թե ինչպես մյուս ցրիչը հար և նման էր իրեն։ Ոչ այնքան արտաքին նմանությունը, որքան ինչ֊որ ներքին նախազգացում Հոմերին ասում էր, թե իր ախոյանը Մահվան սուրհանդակն է։ Հեծանվորդները արագ մոտենում էին Իթաքային։ Հոմերը արշավեց Մահվան սուրհանդակի ետևից, ավելի արագ շարժվելով, քան երբևէ։ Հեռվում նա տեսնում էր քաղաքի հատուկենտ լույսերը և գեղեցիկ, դատարկ փողոցները։ Հոմերը վճռեց անցնել այդ ախոյանից ու թույլ չտալ, որ նա մտնի Իթաքա։ Աշխարհում ոչ մի բան ավելի կարևոր չէր, քան թույլ չտալ, որ Մահվան սուրհանդակը Իթաքա մտնի։
 
Երկու հեծանվորդները արշավում էին ուժգնորեն և պատշաճության սահմաններում, առանց որևէ խարդախության։ Արդեն երկուսն էլ հոգնած էին, բայց, ի վերջո, Հոմերը հասավ մյուս հեծանվորդին և սկսեց նրան Իթաքայից հեռու վանել։ Սակայն հանկարծական արագությամբ Մահվան սուրհանդակը վերադարձավ քաղաք։ Խորապես հուսախաբված, բայց դեռևս ամբողջ ուժգնությամբ քշելով հեծանիվը, Հոմերը տեսավ, թե ինչպես մյուս համբավաբերը հասավ Իթաքա։ Այնուհետև Հոմերն այլևս չկարողացավ առաջանալ։ Մահվան սուրհանդակին վանելու համար ուժ չէր մնացել նրա մեջ: Տղան համարյա ընկավ հեծանիվի վրա և դառն արտասվեց։ Հեծանիվն սկսեց սրընթաց ցած ընկնել, և Հոմերը գոռաց մյուսին։
 
— Ետ վերադարձի՛ր, Իթաքա մի՛ գնա, նրանց հանգիստ թող, ետ դարձի՛ր։
 
Ահավոր վշտից տղան լաց եղավ։
 
Սանթա Կլարա փողոցի տանը փոքրիկ Յուլիսիսը կանգնած էր Հոմերի կողքին և լսում էր նրա երազի մեջ արտասվելը։ Մութ սենյակի միջով նա գնաց մոր անկողնի մոտ և արթնացրեց նրան։ Երբ մայրը վեր կացավ, տղան բռնեց նրա ձեռքից և նրանք լռությամբ եկան Հոմերի մահճակալի մոտ։ Միսիս Մաքոլին մի պահ լսեց որդուն, Յուլիսիսին պառկեցրեց, վերմակով ծածկեց, ապա նստեց արտասվող որդու կողքին։ Շատ քնքշությամբ նա խոսեց որդու հետ։
 
— Հանգստացիր, Հոմեր,— ասաց նա,— հանգստացիր։ Շատ ես հոգնել, պետք է հանգստանալ։ Դե, քնիր, հանգիստ քնիր։
 
Ցրիչը դադարեց արտասվելուց, և շուտով նրա դեմքի հուզված արտահայտությունը չքացավ։
 
— Դե, քնիր,— ասաց մայրը նրան,— խաղաղ քնիր։
 
Տղան քնեց։ Մայրը նայեց կրտսեր որդուն, որը նույնպես քնել էր։ Եվ հանկարծ սենյակի անկյունում տեսավ Մաթյու Մաքոլիին, որը նայում էր նրան ու ժպտում։ Կինը կամացուկ վեր կացավ, վերցրեց զարթուցիչը և վերադարձավ իր սենյակը։
 
Քունը ցրիչին սարսափի տիրապետությունից փոխադրեց ջերմության, լույսի և հանգստի թագավորություն։ Հոմեր Մաքոլին այս անգամ իրեն գտավ մի աղբյուրի մոտ, թզենու տակ մեջքի վրա պառկած։
 
— Այս վայրը,— երազում ասաց նա ինքն իրեն,— պետք է Ռիվերդեյլում լինի, որտեղ առվակի մոտ տեսել եմ թզենին և արևը, որն այնպես հրճվագին այրում էր, և որտեղ ամեն ինչ ժպտում էր շուրջը։ Հիշում եմ այս վայրը։ Անցյալ ամառ Մարկուսն ու ես եկանք այստեղ լողալու, որից հետո նստեցինք առվակի մոտ և զրուցեցինք, թե ինչ ենք անելու, երբ մեծանանք։— Եվ այժմ, գիտակցելով այդ վայրի հաճելիությունը և հիշողությամբ զգալով այդ ջերմությունը, Հոմերը հանգիստ մեկնվեց ծառի տակի կանաչին և լրիվ մոռացավ, որ ինքը քնած է։
 
Նրա հագին նորից այն հնամաշ կոստյումն էր, որը հագել էր այն ամառ՝ Մարկուսի հետ այդտեղ եղած ժամանակ։ Իր առջև, փխրուն հողի մեջ խրված, նա տեսավ ձկնորսական ձողը, բայց այղ ձողը ամառվա այդ օրվա հետ ոչ մի կապ չուներ և այստեղ գտնվում էր շատ հին ժամանակներից։ Այժմ, առատորեն աճած խոտի մեջ, Հոմեր Մաքոլին տեսավ հրաշագեղ Հելեն Էլիոթին, իր նման բոբիկ և թեթև հագնված, որը մի նեղ կածանով դեպի իր կողմն էր գալիս։ «Դա Հելեն Էլիոթն է,— ասաց Հոմերը ինքն իրեն,— դա իմ սիրած աղջիկն է»։
 
Նա ժպտաց, ապա վեր կացավ ու գնաց նրան ընդառաջ։ Առանց մի բառ արտասանելու և հանդիսավորությամբ Հոմերը բռնեց աղջկա ձեռքը և նրանք միասին քայլեցին դեպի թզենին։ Այստեղ նա հանեց իր շապիկն ու տաբատը և սուզվեց առվի մեջ։ Աղջիկը գնաց ծառի բնի ետև ու հանեց զգեստը։ Հոմերը դիտեց, թե նա ինչպես գնաց դեպի առուն, մի պահ կանգ առավ և հետո սուզվեց ջրի մեջ։ Նույն հանդիսավորությամբ նրանք լող տվեցին և, կարճ ժամանակ անց դուրս գալով, պառկեցին ավազի վրա՝ արևի տակ, ու քնեցին։
 
 
==Գլուխ քսանսչորսերորդ. ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ==
 
Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։
 
Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։
 
Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ
տվեց հորը և տուն մտավ։
 
Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր֊ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։
 
Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։
 
— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։
 
— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։
 
— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։
 
— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։
 
— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։
 
— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։
 
Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։
 
Տղաները շարժվեցին դեպի Հենդերսոնի այգին։ Փոխանակ փողոցներով ու մայթերով գնալու, նրանք անցնում էին դատարկ բակերով, մագլցում էին ցանկապատերի վրայով։ Նրանք ուզում էին այդտեղ հասնել դժվարին, արկածախնդրական ճանապարհով։ Որոշ հեռավորությունից նրանց հետևում էր Յուլիսիսը։
 
— Հասած ծիրանը աշխարհի ամենահամեղ միրգն է,— ասաց Օգին իր խմբի անդամներին։
 
— Մի՞թե ծիրանը մարտին է հասնում,— հարցրեց Նիքի Փալոդան։
 
— Նախ, համարյա թե ապրիլն է,— ասաց Օգին,— և երկրորդ, վաղահաս ծիրանը շատ կարճ ժամանակում հասնում է, եթե արև է լինում։
 
— Վերջերս անձրև էր գալիս,— ասաց Ալֆ Ռայֆը։
 
— Քո կարծիքով, որտեղի՞ց է ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից։ Ծիրանի համար անձրևը նույնքան անհրաժեշտ է, որքան արևը։
 
— Ցերեկը՝ արև, գիշերը՝ անձրև,— ասաց Շեկ Մանուկյանը,— տաքացրու և ջուր տուր։ Ես գրազ կգամ, որ այդ ծառի վրա բազմաթիվ հասած ծիրաններ կլինեն։
 
— Երանի այդպես լինի,— ասաց Ալֆ Ռայֆը։
 
— Ծիրանների համար դա դեռ շատ շուտ է,– ասաց Նիքի Փալոդան։— Անցյալ տարի հունիսին հազիվ հասան։
 
— Դա անցյալ տարի էր,— ասաց Օգին,— այս տարին ուրիշ է։
 
Շուրջ հարյուր մետր հեռավորության վրա տղաները կանգնեցին՝ հիանալու համար այդ հռչակավոր ծիրանի ծառով, որը ամբողջությամբ կանաչ էր, գեղեցիկ, շատ հին՝ շատ մեծ։ Այն կանգնած էր Հենդերսոնի բակի անկյունում։ Տասը տարի էր, ինչ թաղի տղաները հարձակվում էին ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառի վրա։ Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։ Եվ հիմա էլ լուսամատի վարագույրի ետևից, միստր Հենդերսոնը գլուխը բարձրացրեց գրքից.
 
— Օհո՜, մի տեսեք,— ասաց նա ինքն իրեն։— Մարտի մեջ, համարյա ձմռանը, ծիրան գողանալու են գալիս։ Մի սրանց նայեցեք։— Նա նորից նայեց տղաներին, շշնջալով, կարծես թե ինքը դրանցից մեկը լիներ։— Գալիս են ծերուկ Հենդերսոնի ծառից ծիրան գողանալու,— ասաց նա։— Ահա, գալիս են, կամացուկ մոտենում են, հա, հա,— ծիծաղեց նա,– մի դրանց նայիր, նայիր այդ պուճուրին։ Հավատացնում եմ՝ չորս տարեկանից մեծ չի լինի։ Նորելուկ է։ Եկեք, եկեք, մոտեցեք իմ հրաշալի ծառին։ Եթե կարողանայի այս պահին ձեզ համար ծիրանները հասցնել, անպայման կանեի...
 
Միստր Հենդերսոնը դիտում էր, թե ինչպես Օգին հրահանգում, ուղղություն էր տալիս տղաներին, առաջնորդում էր հարձակումը։ Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լինեին, գործի էությունը չէր փոխվում, նշանակություն չուներ՝ իրենք հասած ծիրանի գողության էին եկել, թե՝ խակ։ Իհարկե, լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էին, որ մի քիչ շատ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։
 
— Գուցե տանը չէ, Օգի,– շշնջաց Նիքի Փալոդան, երբ տղաները համարյա հասել էին ծառին։
 
— Տանն է,— ասաց Օգին,— նա միշտ տանն է։ Պարզապես թաքնվում է։ Դա ծուղակ է։ Նա ուզում է մեզ բռնել։ Բոլորդ ուշադիր եղեք։ Դժվար է ասել, թե նա որտեղ կլինի։ Իսկ դու, Յուլիսիս, անմիջապես տուն գնա։
 
Յուլիսիսը հնազանդությամբ երեք քայլ ետ գնաց և կանգնեց դիտելու արտասովոր մենամարտը արտասովոր ծառի հետ։
 
— Հասա՞ծ են, Օգի,— ասաց Շեկը,— ինչ-որ դեղնավուն բան տեսնո՞ւմ ես։
 
— Միայն կանաչ,— պատասխանեց Օգին։— Դրանք տերևներ են։ Ծիրանները տակն են լինում։ Բոլորդ հանգիստ մնացեք։ Որտե՞ղ է Լայոնելը։
 
— Ես այստեղ եմ, — շշնջաց Լայոնելը։ Նա սարսափելի վախեցել էր։
 
— Լավ,— ասաց Օգին,— պատրաստ եղեք։ Հենց որ ծերուկ Հենդերսոնին տեսնեք, փախեք։
 
— Իսկ որտե՞ղ է նա,— ասաց Լայոնելը այնպես, կարծես Հենդերսոնը կարող էր անտեսանելի լինել և կամ նապաստակից ոչ մեծ մի բան, որը կարող է խոտերի միջից հանկարծ վրա ցատկել։
 
— Ի՞նչ է նշանակում որտեղ է,— ասաց Օգին,— նա հավանաբար տանն է, բայց երբեք չի կարելի հասկանալ Հենդերսոնին։ Կարող է թաքնված լինել դրսում, ինչ-որ տեղ, սպասելով, որ մեզ անակնկալի բերի։
 
— Դո՞ւ ես ծառը բարձրանալու, Օգի,— հարցրեց Ալֆ Ռայֆը։
 
— Հապա էլ ո՞վ,— ասաց Օգին,— իհարկե ես, բայց նախ գոնե տեսնենք ծիրանը հասա՞ծ է։
 
— Հասած թե խակ,— ասաց Շեկ Մանուկյանը,— մենք պետք է գոնե մի քանի հատ գողանանք։
 
— Անշուշտ,— ասաց Օգին։— Անշուշտ պետք է գողանանք։ Իսկ եթե հասած է, պետք է շատ գողանանք։
 
— Իսկ վաղը, կիրակնօրյա դպրոցում, ի՞նչ պետք է ասես, Օգի,— հարցրեց Լայոնելը։
 
— Ծիրան գողանալը այն գողությունը չէ, որ գրված է Ավետարանում,— ասաց Օգին։— Դա ուրիշ բան է։
 
— Այդ դեպքում ինչո՞ւ ես վախենում,— հարցրեց Լայոնելը։
 
— Ո՞վ է վախենում,— ասաց Օգին։— Մենք պետք է պարզապես զգույշ լինենք և վերջ։ Ինչո՞ւ բռնվենք, երբ կարող ենք փախչել։
 
— Ես ոչ մի հասած ծիրան չեմ տեսնում,— ասաց Լայոնելը։
 
— Դու ծառը տեսնում ես, չէ՞,— հարցրեց Օգին։
 
— Ծառը շատ լավ տեսնում եմ,— ասաց Լայոնելը,— բայց միայն այդքանը։ Պարզապես մի մեծ ծառ է, ամբողջությամբ կանաչ։ Բայց, իրոք, շատ գեղեցիկ ծառ է, այնպես չէ՞, Օգի։
 
Խումբն արդեն ծառի տակ էր։ Յուլիսիսը, մի քիչ հեռվից, հետևում էր նրանց։ Նա բոլորովին չէր վախենում։ Նա ամենևին բան չէր հասկանում, բայց վստահ էր, որ սա շատ կարևոր գործ է՝ և կապված ծառի հետ, և ծիրանի։ Տղաները ուսումնասիրեցին ծիրանենու ճյուղերը, որոնք կանաչ էին, մատղաշ տերևներով։ Ծիրանները բոլորն էլ փոքր էին, շատ խակ և հավանաբար շատ պինդ։
 
— Դեռ չեն հասել,— ասաց Ալֆ Ռայֆը։
 
— Ճիշտ է,— ընդունեց Օգին։— Ինձ թվում է, որ մի քանի օր էլ պետք է սպասել։ Գուցե հաջորդ շաբաթ։
 
— Հաջորդ շաբաթ, անպայման,— ասաց Շեկը։
 
— Բայց շատ առատ է,— ասաց Օգին։
 
— Մենք չենք կարող դատարկ ձեռքով վերադառնալ, Օգի,— ասաց Շեկը։— Գոնե մի հատ պիտի քաղենք, խակ թե հասած, գոնե մի հատ, անպայման։
 
— Օ քեյ,— ասաց Օգին: — Ես մի հատ կքաղեմ, իսկ դուք պատրաստ եղեք փախչելու։— Օգին թռավ, կախվեց մի ցածր ճյուղից։ Խումբը, միստր Հենդերսոնը և Յուլիսիսը հետևում էին նրան հիացումով, զարմանքով և հափշտակությամբ։ Այդ պահին միստր Հենդերսոնը տնակից դուրս եկավ ու կանգնեց աստիճանների վրա։ Բոլոր տղաները ճնճղուկների երամի նման շաղ եկան։
 
— Օգի՜,— բղավեց Շեկ Մանուկյանը,— Հենդերսոնը։
 
Ինչպես վախեցած օրանգուտանգը ջունգլիում, Օգին ծառի վրայից նայեց շուրջը, կախվեց մի ճյուղից և իրեն ցած գցեց։ Նա վազել սկսեց ոտքը դեռ գետնին չառած։ Բայց նկատելով Յուլիսիսին, հանկարծ կանգ առավ և գոռաց տղայի վրա.
 
— Յուլիսի՛ս, վազի՛ր, փախի՛ր։
 
Սակայն Յուլիսիսը տեղից չշարժվեց։ Նա ոչինչ չէր հասկանում։ Օգին ետ դարձավ, վազեց դեպի տղան, գրկեց նրան ու ետ վազեց, իսկ Հենդերսոնը նայում էր։ Երբ տղաները անհայտացել էին, ու ամեն ինչ նորից խաղաղվել էր, ծերունին ժպտաց, նայեց ծառին։ Հետո շրջվեց ու տուն մտավ։
 
 
==Գլուխ քսանհինգերորդ. ԵՐՋԱՆԻԿ ԵՂԻՐ, ԵՐՋԱՆԻԿ ԵՂԻՐ==
 
Ծերուկ Հենդերսոնի այգուց փախչելուց հետո Օգյուստ Գոթլիբի գաղտնի ընկերության անդամները մեկը մյուսի ետևից վերադարձան և հավաքվեցին Արայի խանութի առջև՝ սպասելով իրենց առաջնորդին։ Ի վերջո, մի նրբանցքից դուրս եկավ այդ մեծ մարդը՝ Յուլիսիսի ձեռքից բռնած։ Գաղտնի ընկերության անդամները լուռ սպասեցին առաջնորդի մոտենալուն։ Երբ նա հասավ, բոլորը հարցական նայեցին նրա դեմքին, և Ալֆ Ռայֆը վերջապես հարցրեց.
 
— Ծիրան կարողացա՞ր քաղել, Օգի։
 
Առաջնորդը նայեց թերահավատին և ասաց.
 
— Իզուր ես հարցնում։ Դու ինքդ տեսար, որ ես ծառի վրա էի, ուրեմն պիտի իմանաս, որ քաղել եմ։
 
Խմբի բոլոր անդամները սկսեցին խոսել։ (Բոլորը, բացի Լայոնելից, որը, ըստ երևույթին, խմբի անդամ չէր)։ Նրանք հիացմունքով բացականչեցին.
 
— Տեսնենք, Օգի։ Ցույց տուր ծիրանը։
 
Փոքրիկ Յուլիսիսը նայում էր նրանց, բայց լրիվ չէր ըմբռնում կատարվածի խորհրդավոր իմաստը, թեև վստահ էր, որ այն, ինչ կատարվում է, այդ պահին ավելի կարևոր է, քան աշխարհում որևէ ուրիշ բան։
 
— Ցույց տուր տեսնենք գողացածդ ծիրանը, Օգի,— նորից ասացին խմբի անդամները,— դե ցույց տուր։
 
Օգյուստ Գոթլիբը առանց բառ արտասանելու ձեռքը մտցրեց վերնազգեստի գրպանը և, դուրս հանելով սեղմված բռունցքը, առաջ մեկնեց։ Հետևորդները շրջապատեցին նրան՝ հայացքները բռունցքից չհեռացնելով։ Երբ բոլորը հարգալից լռեցին, Օգյուստ Գոթլիբը բացեց ափը։
 
Այնտեղ, ափի մեջ, կար մի փոքրիկ, կանաչ, լորի ձվի մեծության ծիրան։
 
Մեծ մարգարեի հետնորդները ժպտացին, ափի մեջ տեսնելով այդ հրաշքը, և Լայոնելը, բոլորի մեջ ամենաբարին, որը թեև կրոնական այդ աղանդի լիիրավ անդամը չէր, բարձրացրեց Յուլիսիսին, որպեսզի նա էլ կարողանար զմայլվել այդ կանաչավուն գնդով։ Տեսնելով կանաչ ծիրանը, Յուլիսիսը ցնցվեց, ցած իջավ և վազեց դեպի տուն։ Նա ոչ թե հիասթափվել էր, այլ ուզում էր տեսածը որևէ մեկին պատմել։
 
Այդ ժամանակ խանութից դուրս եկավ ինքը՝ Արան, այն մարդը, որը յոթ տարի առաջ, Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի այդ անկյունում հիմնել էր «Արայի շուկա» կոչվող կրպակը: Սպիտակ գոգնոցով նպարավաճառը բարձրահասակ, նիհար, թախծոտ, բայց միաժամանակ զվարթ մարդ էր։
 
Նա մի պահ կանգնեց խանութի շեմքին, դիտեց նոր մեսիային, և նրա աշակերտներին, լսեց նրանց հիացական բացականչությունները սրբազան կուռքի առաջ, ապա ասաց.
 
— Է՜յ, Օգի, դո՛ւ, Շեկ, Նիքի, Ալֆա, դո՛ւ, Լայոնել. այդ ի՞նչ բան է՝ Միացյալ Նահանգների կոնգրե՞սը Վաշինգտոնում։ Գնացեք և ուրիշ տեղ գումարեցեք ձեր այդ կարևոր հավաքույթը։ Սա խանութ է, ոչ թե կոնգրես։
 
— Այս րոպեին, միստր Արա,— պատասխանեց Օգյուստ Գոթլիբը,— մենք անմիջապես կգնանք փողոցի մյուս կողմը։ Ուզո՞ւմ եք ծիրան տեսնել։
 
— Դու ծիրա՞ն ունես,— ասաց խանութպանը,— որտեղի՞ց։
 
— Ծառի վրայից,— ասաց Օգին,— ուզո՞ւմ եք տեսնել։
 
— Հիմա ծիրանի ժամանակը չէ,— ասաց խանութպանը,— ծիրանը կլինի երկու ամիս հետո, մայիսին։
 
— Սա մարտի ծիրան է,— խանութպանին ասաց Օգյուստ Գոթլիբը՝ թափառող դերվիշների առաջնորդը։— Ա՜յ, նայեցեք։— Նա դարձյալ բացեց բռունցքը, մեջտեղ հանելով կանաչ, կարծր պտուղը։— Նայեցեք միստր Արա,— ասաց Օգին և ավելացրեց,— գեղեցիկ է, այնպես չէ՞։
 
— Լավ, լավ,— ասաց միստր Արան,— գեղեցիկ է, շատ գեղեցիկ ծիրան է։ Այժմ գնացեք և ուրիշ տեղ գումարեցեք Միացյալ Նահանգների կոնգրեսը։ Այսօր շաբաթ է։ Թույլ տվեք առևտուր անել։ Ի՞նչ եք առավոտ վաղ հավաքվել այս փոքրիկ խանութի առջև։ Փոքրիկ խանութ է, հաճախորդները կվախենան, կփախչեն։
 
— Շատ լավ, միստր Արա,— ասաց Օգին,— մենք չենք խռնվի ձեր խանութի առաջ։ Մենք փողոցի մյուս կողմը կգնանք։ Եկեք, տղաներ։
 
Միստր Արան դիտեց ֆանատիկոս աղանդավորների հեռանալը։ Նա ուզում էր խանութ վերադառնալ, երբ մի փոքրիկ տղա, շատ նման իրեն, խանութից դուրս եկավ և կանգնեց կողքին։
 
— Հայրիկ,— ասաց փոքրիկը։
 
— Ի՞նչ է, Ջոն,— հայրը պատասխանեց իրենց մայրենի լեզվով։
 
— Ինձ խնձոր տուր,— ասաց նա լրջությամբ, համարյա տխուր։
 
Հայրը բռնեց որդու ձեռքը, նրանք մտան խանութ և մոտեցան այն արկղին, որի մեջ թարմ մրգեր կային։
 
— Խնձո՞ր,— հարցրեց հայրը տղային։ Նա վերցրեց արկղի լավագույն խնձորը և տվեց աղային,— ահա քեզ խնձոր։
 
Հայրը վաճառասեղանի ետևն անցավ մի հաճախորդի սպասարկելու և միաժամանակ նայեց որդուն, որը նույնքան թախծոտ էր, որքան ինքը, թեև առնվազն քառասուն տարվա տարբերություն կար նրանց միջև։ Տղան մի մեծ պատառ կծեց, դանդաղ ծամեց, կուլ տվեց և մի պահ հորը թվաց, որ նա էլ է մտածում խնձորի մասին, ինչպես ինքը։ Խնձորը, սակայն, տղային երջանիկ չդարձրեց։ Նա այն դրեց սեղանին, հոր առջև, և հետո նայեց նրան։ Ահավասիկ նրանք, հայր և որդի, Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքում, հավանաբար յոթ հազար մղոն հեռու այն վայրից, որը դարերով իրենց հայրենիքն էր եղել։ Բնական է, որ թախիծ կար նրանցից յուրաքանչյուրի աչքերում։ Բայց արդյո՞ք նույն թախիծը չէր լինելու, եթե նրանք ապրեին այստեղից յոթ հազար մղոն հեռու՝ իրենց տանը, հայրենիքում։ Հայրը նայում էր որդուն և նրա մեջ տեսնում էր իր սեփական դիմագծերը։ Իր իսկ աչքերն էին և աչքերի խորքում՝ իր իսկ դժբախտությունը։ Փոքրիկը նույն մարդն էր, միայն ավելի երիտասարդ։ Հայրը վերցրեց մերժված խնձորը, մի պատառ կծեց և սկսեց աղմուկով ծամել և կուլ տալ։ Գուցե ուտելու արագության և ծամելու աղմուկի մեշ խեղդեր վիշտը։ Բացի այդ, խնձորը վատնելու և փչացնելու համար չի ստեղծված, հետևաբար, եթե որդին չէր ցանկանում ուտել, ինքը պետք է ուտեր, թեև ախորժակ չուներ ու խնձոր չէր սիրում։ Նա պարզապես գիտեր, որ սխալ է որևէ բան փչացնելը։ Նա շարունակեց կծել խնձորը, ծամել ու կուլ տալ։ Բայց զգաց, որ այլևս չի կարող, խնձորը շատ մեծ էր։ Ստիպված էր դրա մի մասը դեն նետել։ Եվ իրեն ոչ հատուկ անհոգությամբ, գուցե մի քիչ ափսոսալով, նա խնձորի մնացորդը գցեց աղբարկղը։
 
Այդ ժամանակ տղան նորից խոսեց.
 
— Հայրի՜կ։
 
— Ի՞նչ է, Ջոն,— պատասխանեց հայրը։
 
— Ինձ նարինջ տուր,— ասաց տղան։
 
Հայրն ընտրեց ամենամեծ նարինջը և մեկնեց որդուն։
 
— Նարի՞նջ ես ուզում,— ասաց նա,— շատ լավ, ահա քեզ նարինջ։
 
Տղան կծեց նարնջի կեղևը, հետո սկսեց մատներով հեռացնել կեղևը։ Սկզբում մատները դանդաղ էին աշխատում, բայց վարպետորեն, հետո սկսեցին շարժվել այնպիսի արագությամբ, որ ոչ միայն տղային, այլև հորն էլ թվաց, որ կեղևի տակ ոչ թե ծառի պտուղն է, ոչ թե սովորական մի նարինջ, այլ նրա սրտի բոլոր ցանկությունների իրականացումը։ Տղան նարնջի կեղևները դրեց սեղանին, հոր առջև, նարինջը կիսեց, մի շերտ անջատեց, դրեց բերանը, ծամեց և կուլ տվեց։ Բայց ափսոս։ Դա պարզապես նարինջ էր և ոչ սրտի ցանկությունների իրականացում։ Տղան մի պահ սպասեց, ապա նարնջի մնացորդը դրեց հոր առջև։ Նորից հայրը փորձեց ավարտել որդու անավարտ գործը։ Բայց շուտով հոգնեց և նարնջի համարյա կեսը նետեց աղբարկղը։
 
— Հայրիկ,— մի րոպե հետո նորից խոսեց տղան, և հայրը նորից պատասխանեց։
 
— Ասա, Ջոն։
 
— Ինձ կոնֆետ տուր,— ասաց տղան։
 
— Կոնֆե՞տ,— հարցրեց հայրը,— շատ լավ, ահա քեզ կոնֆետ։
 
Կոնֆետի բաժնից հայրը ընտրեց երեխաների շատ սիրած հինգ սենթանոց կոնֆետը և տվեց որդուն։ Տղան լավ զննեց այն, հանեց վրայի թուղթը, մի մեծ կտոր կծեց շոկոլադով պատած կոնֆետից, նորից դանդաղ ծամեց ու կուլ տվեց։ Բայց դա էլ նրա ուզածը չէր. պարզապես կոնֆետ էր, քաղցր, այո, բայց ուրիշ ոչինչ, ոչինչ։ Տղան հորը վերադարձրեց այդ կոնֆետը, որը, ավաղ, նրան երջանկություն չէր բերել։ Հայրը համբերությամբ իր վրա վերցրեց այն չփչացնելու պարտականությունը։ Նա վերցրեց կոնֆետի կտորը, կծեց, հետո փոխեց միտքը, շրջվեց և կոնֆետը նետեց աղբարկղը։ Չգիտես ինչու, նա հանկարծ համակվեց զայրույթով և մտքում անիծեց այն մարդկանց, որոնք այժմ ապրում են յոթ հազար մղոն հեռու, և մի ժամանակ, թեև հարևան էին, իրենց նկատմամբ եղել էին անմարդկային, անողոք, կամ առնվազն տգետ. «Ախ, շներ», հայհոյեց նա սրտի խորքից։
 
Որդին դարձյալ խոսեց հոր հետ.
 
— Հայրի՛կ,— ասաց նա։
 
— Հա, Ջոն,— պատասխանեց հայրը։
 
— Ինձ բանան տուր,— ասաց տղան։
 
Հայրն այս անգամ ծանր հառաչեց, բայց հույսը չկորցրեց.
 
— Բանա՞ն,— ասաց նա,— շատ լավ, բանան տամ։— Նա ուշադիր զննեց մրգերի կույտերի վրա կախված բանանի ողկույզը և վերջապես գտավ այն մեկը, որը նրա կարծիքով լավագույնն էր, ողկույզի ամենահասուն և ամենաքաղցր բանանը։ Նա այդ բանանը պոկեց և մեկնեց որդուն։
 
Այդ պահին խանութ մտավ մի հաճախորդ, մի մարդ, որին միստր Արան երբեք չէր տեսել։ Մի օտարական։ Խանութպանն ու ճանապարհորդը գլխով իրար թեթևակի բարևեցին, հետո անծանոթն ասաց.
 
— Բլիթ ունե՞ք։
 
— Բլի՞թ,— հարցրեց խանութպանը պատրաստակամությամբ,— ի՞նչ տեսակ բլիթ եք ուզում։
 
Մի ուրիշ հաճախորդ էլ մտավ խանութ։ Այս հաճախորդը Յուլիսիս Մաքոլին էր։ Նա մի կողմ կանգնեց և սկսեց դիտել շուրջը։ Նա լսում էր ամեն ինչ և իր հերթին սպասում։
 
— Չամիչով բլիթ ունե՞ք,— հարցրեց օտարականը նպարավաճառին։
 
— Չամիչով բլի՞թ,— հարցրեց խանութպանը։ Դժվար հարց էր։– Բլիթ չամիչո՞վ,— նորից ասաց նպարավաճառը՝ համարյա շշնջալով։— Չամիչով բլիթ,— կրկնեց նա։ Խանութպանն իր շուրջը նայեց։ Նրա որդին բանանը դրեց սեղանին, հոր առջև։
 
— Հայրիկ,— կանչեց տղան։
 
Հայրը հայացքը սևեռեց որդու վրա, հետո ասաց արագ.
 
— Դու խնձոր ուզեցիր, ես քեզ խնձոր տվեցի, նարինջ ուզեցիր, ես քեզ նարինջ տվեցի, կոնֆետ ուզեցիր, ես քեզ կոնֆետ տվեցի, բանան ուզեցիր, ես քեզ բանան տվեցի։ Հիմա՞ ինչ ես ուզում։
 
— Բլիթ,— ասաց տղան։
 
— Ի՞նչ տեսակ բլիթ ես ուզում,— ասաց հայրը որդուն, առանց մոռանալու հաճախորդին և փաստորեն պատասխանելով նրան, բայց և միևնույն ժամանակ դիմելով բոլորին, բոլորին, բոլոր նրանց, ովքեր որևէ բան են ուզում։
 
— Բլիթ, որի մեջ չամիչ լինի,— ասաց տղան։
 
Կատաղությունից ատամները սեղմելով, հայրը իր պատասխանը համարյա շշնջաց որդուն, բայց փոխանակ որդուն նայելու, նայեց հաճախորդին։
 
— Չունեմ,— շշնջաց նա,— ոչ մի տեսակի չունեմ։ Ինչի՞ համար եք բլիթ ուզում։ Ես ամեն ինչ ունեմ, բայց ոչ բլիթ։ Ի՞նչ է բլիթը, ի՞նչ եք ուզում։
 
— Բլիթ,— ասաց օտարականը համբերությամբ,— փոքր երեխայի համար է։
 
— Չունեմ,— նորից ասաց նպարավաճառը։— Ես նույնպես փոքր երեխա ունեմ,— խանութպանը ցույց տվեց որդուն,— ես նրան խնձոր եմ տալիս, նարինջ, կոնֆետ, բանան, շատ ընտիր բաներ,— նա նայեց հաճախորդի աչքերի մեջ և ասաց համարյա բարկությամբ.
 
— Ի՞նչ եք ուզում։
 
— Իմ եղբոր տղան,— պատասխանեց հաճախորդը,— հիվանդ է։ Նա լաց է լինում, բլիթ է ուզում, բլիթ, որի մեջ չամիչ լինի։
 
Բայց որովհետև ամեն մարդ իր կյանքով է ապրում և յուրաքանչյուր կյանք իր պահանջն ունի, ուստի նպարավաճառի որդին նորից նայեց հորը և ասաց.
 
— Հայրի՛կ։
 
Բայց այս անգամ հայրը նույնիսկ չնայեց որդուն։ Նա նայեց այն մարդուն, որի եղբորորդին հիվանդ էր և չամիչով բլիթ էր ուզում։ Նա այդ մարդուն նայեց հասկացողությամբ, համակրանքով և, միաժամանակ, գեղջկական ինչ֊որ զայրույթով, ոչ թե այդ մարդու դեմ, այլ աշխարհի դեմ, հիվանդության, վշտի դեմ, թախիծի դեմ, որը ուզում է այն, ինչ երբեք չի կարող ունենալ։ Խանութպանը բարկացած էր նաև ինքն իր դեմ, որովհետև չնայած ինքն այս խանութը բացել էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքում, իր հայրենիքից յոթ հազար մղոն հեռու, բայց չամիչով բլիթ չուներ, չուներ այն, ինչ հիվանդ երեխան է ուզում։ Խանութպանը նայեց որդուն և ասաց անծանոթին.
 
— Խնձոր, նարինջ, կոնֆետ, բանան... խնդրեմ, բայց ոչ բլիթ։ Նա իմ որդին է։ Երեք տարեկան է, հիվանդ չէ, բայց շատ բաներ է ուզում։ Խնձոր է ուզում, նարինջ, կոնֆետ է ուզում, բանան է ուզում։ Չգիտեմ ինչ է ուզում, ոչ ոք չգիտե, թե ինչ է ուզում։ Նա պարզապես ուզում է։ Նայում է աստծուն և ասում՝ տուր ինձ այս, տուր ինձ այն, բայց երբեք գոհ չէ։ Միշտ ուզում է և միշտ դժգոհ է։ Իսկ խեղճ աստվածը ոչինչ չունի տխրությունը ամոքելու համար։ Նա մարդկանց տվել է ամբողջ աշխարհը, արևի լույս, մայր, հայր, եղբայր, քույր, հորեղբայր, զարմիկ, տուն, հող, վառարան, սեղան, մահճակալ, խեղճ աստված ամեն ինչ տվել բայց ոչ ոք երջանիկ չէ. բոլորը այդ հիվանդ փոքրիկի նման են, բոլորն ասում են՝ «Չամիչով բլիթ տվեք»։— Խանութպանը մի պահ լուռ մնաց, հոգոց հանեց, ապա գոռաց.
 
— Չամիչով բլիթ չունեմ։
 
Նպարավաճառն սկսեց անհամբերությամբ և համարյա վեհասքանչ քայլել խանութում։ Նախ՝ մի թղթե տոպրակ վերցրեց, լայն բացեց, ապա սկսեց զայրույթով տոպրակը լցնել մրգով։
 
— Ահա նարինջ,— ասաց նա,— շատ գեղեցիկ է։ Ահա խնձոր՝ հրաշալի բան է։ Ահա բանան, շատ լավ համ ունի։— Եվ մեղմորեն, այդ մարդու և նրա հիվանդ եղբորորդու նկատմամբ անսահման համակրանքով լցված, խանութպանը տոպրակը մեկնեց հաճախորդին։— Տարեք փոքր երեխային,— ասաց նա,— գուցե նա լաց չլինի։ Ահա, տարեք սրանք փոքրիկ տղային։ Մի վճարեք։ Ես փող չեմ ուզում։— Եվ ապա հազիվ լսելի ձայնով կրկնեց.— Չամիչով բլիթ չունեմ։
 
— Նա լաց է լինում,— ասաց անծանոթը,— նա շատ վատ է զգում։ Ասում է՝ չամիչով բլիթ եմ ուզում։ Շատ շնորհակալ եմ, բայց մենք փոքրիկ տղային խնձոր, նարինջ և ուրիշ բաներ արդեն տվել ենք։— Մարդը տոպրակը դրեց սեղանին։— Հիվանդ տղան ասում է՝ «Ինձ չամիչով բլիթ տվեք»։ Ոչ խնձորը, ոչ էլ նարինջը չեն օգնում։ Ներեցեք,— ասաց մարդը։— Գնամ մյուս խանութը փորձեմ։ Գուցե այնտեղ չամիչով բլիթ գտնվի։
 
— Շատ լավ, բարեկամս,— շշնջաց խանութպանը,— շատ լավ։ Դուք գնացեք այդ խանութում էլ փնտրեցեք։ Բայց նրանք էլ չամիչով բլիթ չունեն։ Ոչ ոք չունի։
Համարյա ամաչելով, օտարականը խանութից դուրս եկավ։ Ամբողջ մի րոպե նպարավաճառը իր սեղանի ետևում կանգնած նայում էր որդուն։ Եվ հանկարծ սկսեց խոսել իր մայրենի լեզվով, հայերեն։
 
— Աշխարհը գժվել է,— ասաց նա փոքր տղային,— պատերազմի այս օրերին, Ռուսաստանում, որ այնքան մոտ է մեր հայրենիքին, մեր հրաշալի փոքր ազգին, միլիոնավոր մարդիկ, միլիոնավոր երեխաներ սոված են մնում։ Նրանք մրսում են, թափառում են խեղճ, ոտաբոբիկ, անօթևան, նրանք աղոթում են մի կտոր չոր հացի համար, քնելու ու հանգստանալու տեղի համար, մի գիշեր խաղաղ լուսացնելու համար։ Իսկ մե՞նք։ Ինչո՞վ ենք մենք զբաղված այստեղ Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքում. այս մեծ երկրում՝ Ամերիկայում։ Ինչո՞վ ենք զբաղված մենք։ Մենք լավ զգեստներ ենք հագնում։ Ամեն առավոտ, հենց որ ելնում ենք անկողնուց, հագնում ենք գեղեցիկ կոշիկներ, հանգիստ քայլում ենք փողոցներով, և ոչ ոք զենքով չի սպառնում, չի այրում մեր տները, չի սպառնում մեր երեխաներին, եղբայրներին, հայրերին։ Մեքենայով շրջում ենք և հիանում գեղեցիկ բնությունով, ուտում ենք համեղ բաներ, ամեն գիշեր անկողնում հանգիստ քնում ենք, և ի՞նչ։ Դժգոհում ենք։ Մենք դեռ դժգոհ ենք։— Նպարավաճառը այս ապշեցուցիչ ճշմարտությունը գոռաց իր տղայի երեսին հայրական տանջալից սիրուց դրդված։— Մեզ պետք չէ,— ասաց նա,— ո՛չ խնձոր, ո՛չ նարինջ, ո՛չ կոնֆետ, ո՛չ բանան, վախեցիր աստծուց, տղաս, այդ բանը մի արա։ Եթե ես այսպիսին եմ, դու իմ որդին ես, պետք է ինձնից լավը լինես։ Երջանիկ եղիր։ Ես դժբախտ եմ, բայց դու պետք է բախտավոր լինես։— Նա որդուն մատնացույց արեց ետնադուռը, որ խանութից տուն էր տանում, և որդին հնազանդ, մռայլ դեմքով դուրս եկավ խանութից, մտավ տուն։
 
Նպարավաճառը մի պահ փորձեց տիրապետել իրեն։ Ի վերջո հանդարտվեց՝ և կարող էր հանգիստ խոսել խանութում սպասող հաճախորդի՝ Յուլիսիս Մաքոլիի հետ։ Նա շրջվեց դեպի տղան և աշխատեց զվարթ լինել։ Նույնիսկ ժպտաց.
 
— Ի՞նչ ես ուզում, փոքրիկ Յուլիսիս։
 
— Ձավար,— ասաց Յուլիսիսը։
 
— Ի՞նչ տեսակի ձավար ես ուզում,— հարցրեց նպարավաճառը։
 
— Վարսակի,— ասաց Յուլիսիսը։
 
— Երկու տեսակ ձավար ունեմ, փոքրիկ Յուլիսիս տղա,— ասաց խանութպանը,— սովորական և շուտ եփվող։ Երկու տեսակ՝ հին և նոր, դանդաղ եփվող և արագ եփվող։ Մայրդ ո՞ր տեսակից է ուզում, փոքրիկ Յուլիսիս։
 
Յուլիսիսը մի պահ մտածեց, ապա ասաց.
 
— Վարսակի ձավար։
 
— Հի՞ն, թե նոր տեսակը,— հարցրեց նպարավաճառը։
 
Բայց փոքրիկ տղան չգիտեր, թե ինչ պատասխանի։ Խանութպանը նրա փոխարեն որոշեց։
 
— Շատ լավ,— ասաց նա,— ես քեզ նոր տեսակի կտամ, նոր։ Վճարիր խնդրեմ տասնութ սենթ, փոքրիկ Յուլիսիս։
 
Յուլիսիսը բացեց ափը և ձեռբը մեկնեց նպարավաճառին, որը վերցրեց քառորդ դոլարը։ Խանութպանը Յուլիսիսին վերադարձրեց փողի մանրը՝ ասելով.
 
— Տասնութ սենթ, տասնինը, քսան և մի հինգանոց, քսան և հինգ։ Շնորհակալություն, փոքրիկ Յուլիսիս։
 
— Շնորհակալություն, սըր,— պատասխանեց Յուլիսիսը։ Նա վերցրեց ձավարի տուփը և խանութից դուրս եկավ։ Շատ դժվար էր նրա համար այդ ամենը հասկանալ։ Սկզբում ծիրաններն էին՝ ծառի վրա, հետո չամիչով բլիթը և ապա՝ նպարավաճառը, որ իր որդու հետ խոսում էր անծանոթ լեզվով։ Այդ ամենը շատ հետաքրքրական էր։ Փողոցում փոքրիկ տղան ոստոստաց, ինչպես անում էր միշտ, երբ շատ ուրախ էր լինում, և տուն վազեց՝ ձեռքին նպարավաճառի տված փաթեթը։
 
 
==Գլուխ քսանվեցերորդ. ԿՅԱՆՔՈՒՄ ՄԻՇՏ ՑԱՎ ԿԼԻՆԻ==
 
Միսիս Մաքոլին խոհանոցում պատրաստել էր սեղանը և սպասում էր իր Հոմեր որդուն, որը նախաճաշելու պիտի գար։ Նա ձավարով ճաշ էր դնում սեղանին, երբ որդին խոհանոց մտավ։ Մոր հայացքը շատ արագ սահեց որդու վրայով, ու նա հասկացավ, որ որդին դեռևս նախորդ գիշերվա երազի ազդեցության տակ է։ Թեև Հոմերը չէր հիշում, որ քնի մեջ լաց էր եղել, բայց նրա տրամադրությունը ընկած էր, ինչպես սովորաբար լինում է վշտից հետո։ Նույնիսկ նրա ձայնը ավելի խորն էր և մեղմ։
 
— Շատ քնեցի,— ասաց նա,— արդեն ինն անց է քսան րոպե։ Ի՞նչ է պատահել ժամացույցին։
 
— Դու շատ ես աշխատում,— ասաց միսիս Մաքոլին,— պետք է նաև հանգստանալ։
 
— Ես շատ չեմ աշխատում,— ասաց Հոմերը,— և հետո վաղը կիրակի է։
 
Նա առավոտյան աղոթքն արեց, միայն թե այդ օրը աղոթքը կրկնակի երկար թվաց։ Հետո վերցրեց գդալը և երբ պատրաստվում էր ուտել, կանգ առավ տարօրինակ ձևով և սկսեց ուսումնասիրել գդալը։ Տղան նայեց մորը, որ զբաղված էր խոհանոցում։
 
— Մայրի՛կ,— ասաց նա։
 
— Ի՞նչ է, Հոմեր,— պատասխանեց միսիս Մաքոլին, առանց շրջվելու։
 
— Երեկ գիշեր, աշխատանքից գալուց հետո, քեզ հետ չխոսեցի,— ասաց նա,— բայց դու ինձ նախազգուշացրել էիր, որ այդպես կարող է լինել։ Ես չէի կարող խոսել։ Տուն գալու ճանապարհին ես հանկարծ սկսեցի լաց լինել։ Դու գիտես, որ ես երբեք լաց չեմ եղել, նույնիսկ երբ փոքր էի, նույնիսկ դպրոցում, երբ ինձ հետ որևէ տհաճ բան էր պատահում։ Ես միշտ ամաչել եմ լաց լինելուց։ Յուլիսիսը նույնպես լաց չի լինում, որովհետև ի՞նչ օգուտ դրանից։ Բայց երեկ գիշեր ես պարզապես չկարողացա ինձ զսպել։ Լաց եղա և նույնիսկ չամաչեցի իմ լացից։ Եվ որովհետև հեկեկում էի՝ չկարողացա ուղիղ տուն գալ։ Հասա մինչև «Իթաքայի գինիները» և հետո, որովհետև դեռ լաց էի լինում՝ հեծանիվս քշեցի քաղաքի միջով, մինչև միջնակարգ դպրոցը։ Ճանապարհին անցա մի տան մոտով, որտեղ երեկ երեկոյան մարդիկ ուրախանում էին, իսկ այդ ժամին տունը մութի մեջ էր։ Ես այդ մարդկանց մի հեռագիր էի տարել։ Հասկանում ես, թե դա ինչ հեռագիր էր։ Հետո քաղաք վերադարձա և հեծանիվս քշեցի փողոցներով, նայելով ամեն ինչին, բոլոր շենքերին, որոնք մանկությունից ծանոթ են ինձ։ Այդ ժամանակ, կարծես առաջին անգամ, ես իսկապես տեսա Իթաքան և իսկապես ճանաչեցի այն մարդկանց, որոնք ապրում են Իթաքայամ։ Բոլորը լավ մարդիկ են։ Ես ցավ զգացի բոլորի համար և նույնիսկ աղոթեցի, որ նրանց ոչինչ չպատահի։ Դրանից հետո դադարեցի լալ։ Կարծում էի, որ մարդ երբեք լաց չի լինի, երբ մեծանա, չափահաս դառնա, բայց պարզվում է, որ հենց այդ ժամանակ է մարդը սկսում լաց լինել, որովհետև այդ ժամանակ է, որ նա սկսում է հասկանալ ամեն ինչ։— Նա մի պահ լռեց, հետո նրա ձայնը նույնիսկ ավելի զուսպ դարձավ։— Գրեթե ամեն ինչ, որ մարդ ճանաչում է, կամ վատ է, կամ տխուր,— ասաց նա և սպասեց, որ մայրը մի բան ասի, բայց մայրը չխոսեց, նույնիսկ գլուխը չբարձրացրեց։
 
— Ինչո՞ւ է այդպես,— հարցրեց որդին։
 
Միսիս Մաքոլին սկսեց խոսել, բայց տղայի կողմը չդարձավ։
 
— Ժամանակը կգա, կհասկանաս,— ասաց նա,— ոչ ոք չի կարող քեզ բացատրել։ Ամեն մարդ ինքն իր խելքով պիտի հասկանա։ Եթե կյանքը տխուր է, ազնիվ կամ անմիտ, դրա պատճառը մարդն է։ Եթե հարուստ է և գեղեցկությամբ լեցուն, ուրեմն ինքը մարդն է այդպիսին և ոչ թե նրա շրջապատը։ Այդպես է։ Եթե որևէ բան վատ է, տգեղ կամ խեղճ, միշտ ինքը մարդն է այդպես, և յուրաքանչյուր մարդ ինքն իր մեջ մի աշխարհ է։ Յուրաքանչյուր մարդ մի ամբողջական աշխարհ է, նա այդ աշխարհը կարող է վերակառուցել և սիրելի մարդկանցով բնակեցնել, եթե նրա սիրտը ընդունակ է սիրո, կամ լցնել ատելի մարդկանցով, եթե նրա սիրտը ընդունակ է ատելության։ Աշխարհը պետք է վերակառուցվի նրա մեջ ապրող յուրաքանչյուր անհատի կողմից։ Վերակառուցվի ամեն օր, ինչպես անկողինն ու այն տունը, որտեղ նույն մարդիկ են ապրում։ Այդ մարդիկ միշտ նույնն են, բայց և միշտ փոխվում են։
 
Մայրն այժմ ինչ֊որ գործով էր զբաղված բակ տանող մուտքի մոտ. Հոմերը չէր տեսնում նրան, բայց շարունակում էր խոսել։
 
— Ինչո՞ւ երեկ գիշեր տուն գալիս ես լաց եղա,— հարցրեց նա։ — Ես երբեք այդպիսի զգացում չեմ ապրել։ Չեմ հասկանում։ Եվ երբ դադարեցի լաց լինելուց, ինչո՞ւ չէի կարողանում խոսել, ինչո՞ւ ասելու ոչինչ չունեի ոչ քեզ, ոչ էլ ինձ։
 
Միսիս Մաքոլին պատասխանեց հեռվից, բայց այնքան հստակ ձայնով, որ տղան նրա յուրաքանչյուր բառը անսխալ լսեց։
 
— Կարեկցանքն էր, որ քեզ ստիպեց լաց լինել,— ասաց նա,— կարեկցանքը. կարեկցանքը ոչ թե այս կամ այն անհատի նկատմամբ, որ տառապում է, այլ ամեն ինչի նկատմամբ։ Եթե մարդը խիղճ չունի, նա մարդ չէ, նա դեռ իսկական մարդ չէ, որովհետև կարեկցանքից է ծնվում բուժիչ բալասանը։ Միայն բարի մարդիկ են լաց լինում։ Այն մարդը, որը լաց չի լինում աշխարհի ցավի համար, նա վատ է, քան կեղտը, որի վրայով քայլում է, որովհետև կեղտը դեռ սնում է սերմը, արմատը, ծիլը և ծաղիկը, իսկ առանց խղճի ու կարեկցանքի մարդու հոգին անպտուղ է, ոչինչ չի կարող սնուցել, բացառությամբ ամբարտավանության, որը, ի վերջո, կարող է մարդուն առաջնորդել սպանության, գեղեցիկի սպանության կամ նույնիսկ մարդկային կյանքի սպանության։
 
Միսիս Մաքոլին խոհանոց վերադարձավ և սկսեց նոր գործով զբաղվել, մի գործ, որի ավելորդությունը նույնիսկ Հոմերը հասկացավ։
 
— Կյանքում միշտ էլ ցավ կլինի,–– ասաց միսիս Մաքոլին,— սակայն այդ բանի գիտակցությունը չպետք է մարդուն հուսահատեցնի։ Լավ մարդը աշխատում է հաղթահարել այդ ցավը։ Իսկ հիմարը այդ նույնիսկ չի տեսնում, քանի դեռ չի զգացել իր մարմնի վրա։ Իսկ չար մարդը այն ավելի կխորացնի և կտարածի իր շուրջը։ Սակայն բոլորն էլ անմեղ են, որովհետև ինչպես չար մարդը, այնպես էլ հիմարն ու լավը իրենց կամքով չեկան այստեղ և ոչ էլ իրենք իրենց ստեղծվեցին ոչնչից։ Նրանք ծնունդ են բազմաթիվ աշխարհների և բազմաթիվ սերունդների։ Չարերը չգիտեն, որ իրենք չար են և, հետևաբար՝ անմեղ են։ Չար մարդուն պետք է ներել։ Նրան պետք է սիրել, որովհետև մեր յուրաքանչյուրից ինչ֊որ բան կա աշխարհի ամենաչար մարդու մեջ, ինչպես որ նրանցից ինչ֊որ բան՝ մեր մեջ։ Նա մերն է, մենք՝ նրանը։ Մեզնից յուրաքանչյուրը մյուսներից անջատ չէ։ Գեղջուկի աղոթքը՝ իմ աղոթքն է, մարդասպանի ոճիրը՝ իմ ոճիրը։ Անցյալ գիշեր դու լաց եղար, որովհետև սկսեցիր հասկանալ այս բաները։
 
Հոմեր Մաքոլին ձավարի վրա կաթ լցրեց և սկսեց նախաճաշել։ Նա հանկարծ զգաց, որ վերջապես կարող է ուտել։
 
 
==Գլուխ քսանյոթերորդ. ԲՈԼՈՐ ՀՐԱՇԱԼԻ ՍԽԱԼՆԵՐԸ==
 
Յուլիսիս Մաքոլին և աշխարհում նրա լավագույն ընկերը՝ Լայոնել Քեբոտը՝ Մեծն Լայոնելը, մտան Մաքոլիների խոհանոցը։ Բոլորովին չպետք է կասկածել այս բարեկամության վրա, թեև Լայոնելը ամբողջ վեց տարով Յուլիսիսից մեծ է։ Նրանք միասին էին ման գալիս և միշտ իրար հետ էին լինում, ինչպես անում են լավագույն բարեկամները՝ այսինքն հանգիստ ու անհոգ, առանց նույնիսկ իրար հետ խոսելու կարիք զգալու։
 
— Միսիս Մաքոլի,— ասաց Լայոնելը,— ես եկա հարցնելու՝ կարո՞ղ է Յուլիսիսը ինձ հետ հանրային գրադարան գալ։ Քրոջս՝ Լիլիանի գիրքը պետք է փոխեմ։
 
— Շատ լավ, Լայոնել,— ասաց միսիս Մաքոլին,— բայց ինչո՞ւ դու մյուսների հետ չես, ինչո՞ւ Օգիի, Ալֆի, Շեկի և մյուս տղաների հետ չես խաղում։
 
— Նրանք,— սկսեց Լայոնելը և հանկարծ կանգ առավ շփոթված ու ամոթահար։ Մի րոպե հետո նա նորից սկսեց։— Նրանք ինձ վռնդեցին,— ասաց նա,— նրանք ինձ չեն սիրում, որովհետև ես հիմար եմ։— Նա նորից լռեց և նայեց իր լավագույն ընկերոջ մորը։— Ես հիմար չեմ, չէ՞, միսիս Մաքոլի։
 
— Ոչ, Լայոնել, դու հիմար չես,— ասաց Հիսիս Մաքոլին,— դու մեր թաղի ամենալավ տղան ես։ Բայց մի նեղացիր մյուս տղաներից, որովհետև նրանք նույնպես հրաշալի տղաներ են։
 
— Չեմ նեղանում,— ասաց Լայոնելը,— ես նրանց բոլորին էլ սիրում եմ։ Սակայն ամեն անգամ, երբ խաղի ընթացքում մի փոքր սխալ եմ անում, նրանք ինձ վռնդում են, նրանք ինձ նույնիսկ հայհոյում են, միսիս Մաքոլի։ Անգամ իմ ամենափոքր սխալի համար նրանք բարկանամ են վրաս։ «Բավական է, Լայոնել», ասում են նրանք։ Եվ հենց որ այդպես են ասում, ես հասկանում եմ, որ իմ հեռանալու ժամանակն է։ Երբեմն ես նույնիսկ հինգ րոպե չեմ դիմանում։ Երբեմն ես սխալ եմ թույլ տալիս խաղի հենց սկզբից։ Եվ նրանք անմիջապես ասում են. «Հերիք է, Լայոնել»։ Ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ սխալ եմ արել, ի՞նչ պետք է անեմ։ Ես ուզում եմ իմանալ իմ սխալը, բայց ոչ ոք ինձ չի բացատրում։ Ամեն շաբաթ նրանք ինձ վռնդում են։ Յուլիսիսը միակն է, որ չի լքում ինձ։ Իմ միակ խաղընկերը նա է։ Բայց մի օր նրանք պիտի զղջան։ Կգա ժամանակ, երբ նրանք ինձ մոտ կգան, որ օգնեմ իրենց, այո, միսիս Մաքոլի, ես անպայման պիտի օգնեմ նրանց, և այդ ժամանակ նրանք պիտի զղջան, որ միշտ վռնդել են ինձ։ Մի քիչ ջուր կտա՞ք։
 
— Խնդրեմ, Լայոնել,— ասաց միսիս Մաքոլին և տդային մի բաժակ ջուր տվեց, որը նա ագահորեն խմեց։ Խմելիս նա այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։
 
Լայոնելը դարձավ ընկերոջը։
 
— Դու ջուր չե՞ս ուզում, Յուլիսիս,— հարցրեց նա։
 
Յուլիսիսը գլխով արեց, և միսիս Մաքոլին մի բաժակ էլ նրան տվեց։ Երբ նա խմեց ջուրը, Լայոնելն ասաց.
 
— Այժմ կարո՞ղ ենք հանրային գրադարան գնալ, միսիս Մաքոլի։
 
Երկու ընկերները տնից դուրս եկան։
 
Հոմեր Մաքոլին նախաճաշելիս երկար նայում էր եղբորը։ Երբ երկու տղաները գնացին, նա ասաց միսիս Մաքոլիին.
 
— Մարկուսը փոքր ժամանակ նմա՞ն էր Յուլիսիսին։
 
— Ի՞նչ ես ուզում ասել,— հարցրեց միսիս Մաքոլին։
 
— Դու գիտես,— ասաց Հոմերը,— թե ինչպիսին է Յուլիսիսը, ամեն ինչով հետաքրքրվող, միշտ ինչ֊որ բանով տարված։ Երբեք ոչինչ չի ասում, բայց ամեն ինչից մի բան եզրակացնում է։ Սիրում է բոլորին, և բոլորն էլ սիրում են նրան։ Նա շատ բառեր չգիտի։ Նա չի կարող կարդալ, բայց նրան միշտ կարող ես հասկանալ, պարզապես դիտելով նրա դեմքը։ Գրեթե միշտ կարելի է հասկանալ, թե ինչ է ասում, նույնիսկ այն դեպքում, երբ ոչ մի բառ չի արտասանում։ Մարկո՞ւսն էլ այդպես էր։
 
— Մարկուսն ու Յուլիսիսը հարազատ եղբայրներ են,— ասաց միսիս Մաքոլին,— այնպես որ, բնական է, որ Յուլիսիսը նման լինի եղբորը, բայց ոչ ամեն ինչում։
 
— Յուլիսիսը մի օր մեծ մարդ է դառնալու, ճիշտ չէ՞, մայրիկ,— ասաց Հոմերը։
 
— Ոչ,— ժպտաց միսիս Մաքոլին,— ոչ, ես այդ կարծիքին չեմ, բոլոր դեպքերում ոչ աշխարհի համար, բայց անշուշտ նա մեծ է լինելու, որովհետև նա այժմ էլ մեծ է։
 
— Մարկուսը նույնպես մե՞ծ էր, երբ փոքր էր,— ասաց Հոմերը։
 
— Դուք բոլորդ էլ ինչ֊որ բանով նման եք իրար,— ասաց միսիս Մաքոլին,— բայց ոչ ամեն ինչով։ Մարկուսը քեզ նման անհանգիստ չէր։ Նա էլ, իհարկե, անհանգիստ էր, բայց յուրովի։ Յուլիսիսը սիրում է դուրս գալ, նայել մարդկանց, իսկ նա ամաչկոտ էր և հաճախ մենակ էր մնում։ Մարկուսը սիրում էր կարդալ, երաժշտություն լսել, երբեմն էլ պարզապես պարապ նստել կամ գնալ ինչ֊որ հեռու տեղ զբոսանքի։
 
— Յուլիսիսը անշուշտ սիրում է Մարկուսին,— ասաց Հոմերը։
 
— Յուլիսիսը բոլորին է սիրում,— նկատեց միսիս Մաքոլին։— Նա աշխարհի բոլոր մարդկանց սիրում է։
 
— Ճիշտ է,— ասաց Հոմերը,— բայց նա Մարկուսի հանդեպ յուրահատուկ սեր ունի, և ես գիտեմ, թե ինչու. որովհետև Մարկուսը նրա նման դեռ երեխա է, թեև բանակում է։ Ինձ թվում է, որ երեխան միշտ ինչ֊որ մանկական բան է որոնում մեծերի մեջ։ Եվ եթե գտնում է դա որևէ մեկի մեջ, այդ մարդուն մյուսներից ավելի է սիրում։ Ես կուզենայի հետո էլ, երբ մեծանամ, նման լինեմ Յուլիսիսին։ Ինձ թվում է, որ աշխարհում բոլորից ավելի ես նրանով եմ հիացած, բացի մեր ընտանիքի անդամներից։ Նա քեզ ասա՞ց, թե երեկ ինչ պատահեց իր հետ։
 
— Ոչ մի բառ չի ասել,— ասաց միսիս Մաքոլին։— Այդ մասին Օգին եկավ ու պատմեց։
 
— Լավ,— ասաց Հոմերը,— իսկ նա ի՞նչ ասաց, երբ նրան տուն բերեցի հեռագրատնից։
 
— Ոչինչ չասաց,— ասաց միսիս Մաքոլին։— Նա պարզապես նստեց, երաժշտության լսեց, ապա ընթրեցինք։ Երբ նրան անկողին դրեցի, նա ասաց՝ «Մեծ Քրիս»։ Միայն այդքանը և քնեց։ Ես չհասկացա, թե ով էր Մեծ Քրիսը, մինչև որ Օգին եկավ ու պատմեց։
 
— Մեծ Քրիսը Յուլիսիսին թակարդից դուրս հանեց,— ասաց Հոմերը,— և հետո Քովինգտոնին քսան դոլար վճարեց այդ հիմար գյուտի դիմաց, որովհետև թակարդը կոտրել էր։ Իբրև թե թակարդ է, բայց կասկածում եմ։ Ես կարծում եմ, որ այդ թակարդը որևէ բան որսալ չի կարողանա, բացի Յուլիսիսից։ Ոչ մի կենդանի այդքան բարդ գործիքի չի մոտենա։ Յուլիսիսը ամենից շատ ո՞ւմ է նման,— հարցրեց Հոմերը։
 
— Հորը,— պատասխանեց միսիս Մաքոլին։
 
— Իսկ դու հայրիկին ճանաչո՞ւմ էիր, երբ նա փոքր էր,— ասաց Հոմերը։
 
— Աստված իմ, իհարկե ոչ,— ասաց միսիս Մաքոլին։— Ինչպե՞ս կարող էի ես նրան ճանաչել։ Քո հայրը ինձնից յոթ տարով մեծ էր։ Յուլիսիսը այնպիսին է, ինչպիսին ձեր հայրն էր՝ ամբողջ իր կյանքի ընթացքում։— Միսիս Մաքոլին հանկարծ լցվեց երջանկության հորդ զգացումով, հակառակ ամեն ինչի, որ եղել էր, կամ ամեն ինչի, որ կարող էր լինել։— Է, ես բախտավոր եմ եցել,— ասաց նա,— ես շնորհակալ եմ աստծուց։ Իմ երեխաները, երեխաներ լինելուց բացի, լավ մարդ են։ Նրանք կարող էին միայն երեխա լինել, այդ ժամանակ ես այսքան բախտավոր չէի լինի։ Երեկ գիշեր դու լաց եղար, որովհետև մարդ ես դարձել, մեկը միլիոններից, որովհետև քեզ համար սկսվել է պատահարներով լեցուն կյանքը, մտել ես մի աշխարհ, որը լի է դժվար հասկանալի բաներով՝ վատ, գեղեցիկ տգեղ, բարի և վայրագ, բայց որոնք բոլորը միասին մի ամբողջություն են կազմում՝ մեր կյանքը։— Նա մի պահ լռեց, նայելու համար որդուն, հետո շատ մեղմ ասաց.— Երեկ գիշեր դու լաց էիր լինում նույնիսկ երազում։
 
— Իսկապե՞ս,— ասաց Հոմերը։ Նա զարմացավ, որ չէր զգացել։
 
— Այո,— ասաց միսիս Մաքոլին,— քո լացը արթնացրեց Յուլիսիսին, իսկ նա եկավ և ինձ արթնացրեց։ Ես լսեցի, թե ինչպես էիր դու լալիս, բայց դա իսկապես քո լացը չէր։
 
— Ո՞ւմն էր, հապա,— հարցրեց Հոմերը։
 
— Այդ լացը ինձ ծանոթ է,— ասաց միսիս Մաքոլին,— ես այն առաջներում էլ լսել եմ։ Դա քո լացը չէ։ Ոչ էլ մեկ ուրիշինը։ Դա ամբողջ աշխարհի լացն է։ Ճանաչելով
աշխարհի վիշտը, դու այժմ կանգնեցիր քո ճանապարհի վրա, և բնական է, որ բազմաթիվ սխալներ գործես, այն բոլոր հրաշալի սխալները, որ դու պետք է գործես և գործելու ես։ Նախաճաշի այս սեղանի առաջ օրը ցերեկով ես քեզ ասում եմ այն, ինչ վարանում եմ ասել նույնիսկ գիշերը, և որովհետև դու այժմ առույգ ևս ու վշտից թեթևացած, կարող եմ ասել, որովհետև պարտավոր եմ այդ բանը ասել քեզ։ Կարևոր չէ, թե ինչ սխալներ կգործես կյանքում, մի վախեցիր գործած սխալներիդ համար կամ նորերը գործելուց։ Դու բարի սիրտ ունես, վստահիր սրտիդ, ունկնդրիր նրան և շարունակիր ճանապարհդ առանց կանգ առնելու։ Եթե ընկնես, խաբված կամ հալածված ուրիշներից կամ ինքդ քեզնից, վեր կաց և ետ մի նայիր։ Բազմաթիվ անգամներ պիտի ծիծաղես և բազմաթիվ անգամներ պիտի լաց լինես, այդ ծիծաղն ու արտասուքը շարունակ անբաժան պիտի լինեն իրարից։ Քո կյանքում դու ոչ մի րոպե չես ունենա ստոր, նենգ կամ փոքրոգի լինելու։ Այդ բաները քեզնից ցածր են, շատ փոքր՝ քո ոգու առույգության առաջ, շատ աննշան՝ քո տեսադաշտը խափանելու համար։
 
Միսիս Մաքոլին ժպտաց և փոքր֊ինչ շփոթված եկավ կանգնեց որդու կողքին։
 
— Ներիր ինձ,— ասաց նա,— որ միշտ գիշեր ու ցերեկ քեզ ասում եմ այնպիսի բաներ, որ յուրաքանչյուր մարդ ինքը կուզենար իմանալ, բայց գիտեմ, որ դու կներես ինձ։
 
— Ահ, մայր,— դա միակ բանն էր, որ կարողացավ պատասխանել Հոմերը։
 
Նա վեր կացավ սեղանից և կաղալով գնաց դեպի լուսամուտը։ Այդտեղից նա դիտեց դատարկ տարածությունը, Օգյուստ Գոթլիբին և նրա ընկերներին, որոնք ֆուտբոլի տարերքի մեջ էին։
 
— Ոտքիդ ի՞նչ է եղել,— հարցրեց միսիս Մաքոլին։
 
— Ոչինչ,— պատասխանեց Հոմերը,— մի թեթև ընկա։ — Առանց մորը նայելու նա շարունակեց,— գիտե՞ս ինչ, մա, ինձ թվում է, որ դու հաստատ աշխարհի ամենահրաշալի մարդն ես։— Նա սկսեց ծիծաղել՝ դիտելով ֆուտբոլի խաղը։— Ահա, Օգին գնդակը խլեց,— ասաց նա։ — Իսկ ինձ այլևս ոչ մի խաղ չի գրավում,— շարունակեց նա։— Հեռագրատուն եմ գնում։ Նրանց ասացի, որ կգամ, գուցե իմ կարիքը զգան։— Նա շրջվեց, որ գնա, բայց կանգնեց։— Ո՛հ,— ասաց նա,— քիչ էր մնում մոռանայի։ Միստր Գրոգանը՝ գիշերային հեռագրիչը, երեկվա քո ուղարկած սանդվիչներից մեկը կերավ։ Նա պատվիրեց, որ իր կողմից շնորհակալություն հայտնեմ։ Այնպես որ, մա, շնորհակալություն միստր Գրոգանից։
 
Հոմերը տնից դուրս եկավ։ Մայրը տեսավ, թե ինչպես նա ստուգեց հեծանիվի դողերը, ապա նստեց և ուղղվեց հեռագրատուն։ Այդ ժամանակ շրջվեց դեպի որդու աթոռը և այնտեղ տեսավ Մաթյու Մաքոլիին, որը ճիշտ Հոմերի նման զննում էր գդալը։ Քիչ հետո նա հայացքը բարձրացրեց.
 
— Քեթի,— ասաց նա։
 
— Ի՞նչ է, Մաթյու,— հարցրեց Քեթին։
 
— Քեթի,— ասաց Մաթյուն,— Մարկուսը շուտով գալու է իմ ետևից։
 
Լռության տիրեց։
 
— Գիտեմ, Մաթյու,— ասաց Քեթին և անցավ իր գործին։
 
 
==Գլուխ քսանութերորդ. ՀԱՆՐԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ==
 
Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։ Նրանց դիմացից, Իթաքայի առաջին երիցական եկեղեցուց դուրս եկավ հուղարկավորների մի թափոր։ Մի հասարակ դագաղ էին տանում դեպի հին ավտոմեքենան, որը դիակառքի տեղ էր ծառայում։ Դագաղի ետևից մի փոքրիկ խումբ սգավորներ էին գնում։
 
— Արի, Յոլիսիս,— ասաց Լայոնելը,— հուղարկավորություն է։ Ինչ֊որ մեկը մեռել է։
 
Նրանք վազեցին։ Լայոնելը բռնել էր Յուլիսիսի ձեռքից։ Շուտով նրանք հուղարկավորների մեջ էին արդեն։
 
— Դա դագաղ է,— շշնջաց Լայոնելը,— մեռած մարդը դրա մեջն է։ Կուզենայի իմանալ, թե ով է։ Տեսնո՞ւմ ես ծաղիկները։ Մեռնողներին ծաղիկներ են բերում։ Արտասվողներին տես։ Դրանք մահացածի ծանոթներն են։
 
Լայոնելը դարձավ մի մարդու, որը այնքան էլ աղեկտուր չէր լալիս։ Մարդը հենց նոր մաքրել էր քիթը և թաշկինակը տարել աչքերի անկյուններին։
 
— Ո՞վ է մեռել,— հարցրեց Լայոնելը։
 
— Խեղճ Ջոնի Մերիվեթերը, փոքրիկ կուզը,— պատասխանեց մարդը։
 
Լայոնելը դարձավ Յուլիսիսին։
 
— Փոքրիկ Ջոնի Մերիվեթերն է մահացել, փոքրիկ կուզը,— ասաց Լայոնելը։
 
— Յոթանասուն տարեկան էր,— ասաց մարդը։
 
— Յոթանասուն տարեկան էր,— ասաց Լայոնելը Յուլիսիսին։
 
— Մերիփոզա և Բրոդվեյ փողոցների անկյունում խարկած եգիպտացորեն էր ծախում մոտ երեսուն տարի,— ասաց մարդը։
 
— Խարկած եգիպտացորեն էր ծախում Մերիփո...— Լայոնելը հանկարծ կանգ առավ և նայեց մարդուն։ Նա համարյա գոռաց.— Ի՛նչ, դու ուզում ես ասել եգիպտացորեն ծախող ծերունի՞ն։
 
— Այո,— ասաց մարդը,— Ջոնի Մերիվեթերը հանգավ ի տեր։
 
— Ախր ես նրան ճանաչում էի,— գոռաց Լայոնելը,— քանի֊քանի անգամ ես նրանից խարկած եգիպտացորեն եմ գնել։ Նա մեռա՞վ։
 
— Այո,— ասաց մարդը,— և շատ խաղաղ մեռավ։ Մեռավ քնի մեջ։ Գնաց իր արարչի մոտ։
 
— Ես Ջոնի Մերիվեթերին ճանաչում էի,— ասաց Լայոնելը՝ համարյա լաց լինելով։— Ես չգիտեի, որ նրա անունը Ջոնի Մերիվեթեր էր, բայց լավ էի ճանաչում։
 
Լայոնելը դարձավ Յուլիսիսին և թևը դրեց ընկերոջ ուսին։
 
— Ջոնին է,— ասաց նա՝ համարյա հեկեկալով։— Զոնի Մերիվեթերը, իր արարչի մոտ է գնացել։ Իմ լավագույն բարեկամներից մեկը գնացել է հավիտենական հանգստի։
 
Հուղարկավորները հեռացան և շուտով եկեղեցու առաջ ոչ ոք չմնաց, բացի Լայոնելից և Յուլիսիսից։ Լայոնելին անպատշաճ էր թվում լքել այս վայրը, որտեղ ինքը իմացել էր, թե մեռնողը, դագաղի միջի այդ մարդը իր ծանոթն է, թեև չգիտեր, որ նրա անունը Ջոնի Մերիվեթեր է եղել։ Ի վերջո, նա որոշեց, որ չի կարող ընդմիշտ մնալ եկեղեցու առջև, որքան էլ խարկած եգիպտացորեն գնած լիներ Ջոնի Մերիվեթերից։ Եվ հիշեց եգիպտացորենը, համարյա զգաց դրա համը, ու իր Յուլիսիս ընկերոջ հետ քայլեց փողոցն ի վար, դեպի հանրային գրադարան։
 
Երբ երկու աղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր և գրեթե երկյուղ ազդող լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.
 
— Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։
 
Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։
 
— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։
 
— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։
 
— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։
 
— Բոլորը,— ասաց Լայոնելը։
 
— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի աբոնենտով միայն չորս գիրք կարելի է վերցնել։
 
— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,— ասաց Լայոնելը։
 
— Հապա ի՞նչ ես ուզում,— հարցրեց գրադարանավարուհին։
 
— Պարզապես դիտել եմ ուզում,— ասաց Լայոնելը։
 
— Դիտե՞լ,— ասաց գրադարանավարուհին։— Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։
 
— Սիրում եմ,— շշնջաց Լայոնելը,— չի՞ կարելի։
 
— Ինչո՞ւ չէ,— ասաց գրադարանավարուհին,— դրա դեմ օրենք չկա,— կինը նայեց Յուլիսիսին։— Իսկ սա ո՞վ է,— հարցրեց նա։
 
— Սա Յուլիսիսն է,— ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։
 
— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց գրադարանավարուհին։
 
— Ոչ,— ասաց Լայոնելը,— բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։
 
Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին և հիացմունքից հայհոյեց մտքում։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։
 
— Լավ,— ասաց նա վերջապես,— գուցեև լավ է, որ դուք չեք կարոը կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։
 
— Շնորհակալություն, տիկին,— ասաց Լայոնելը։
 
Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։
 
— Սրանք,— ասաց նա,— և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։— Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։— Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,— նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։— Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,— ասաց նա։ Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։— Իսկ այս մեկը,— ասաց նա,— այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։
 
Փոքր֊ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։
 
— Տես, Յուլիսիս,— ասաց նա,— սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊որ բան կա ասված։— Նա ցույց տվեց տպագրված տողերը։— Ահա «ա»...ն,— ասաց նա,— սա է «ա»֊ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։— Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,— ասաց նա,— բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,— ասաց նա,— աղջիկ է նկարված։ Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։— Նա թերթում էր էջերը.— Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,— ասաց նա,— ամենուր գրքեր են,— նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։— Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,— ասաց նա։
 
Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊որ բան է սովորել։
 
 
==Գլուխ քսանիններորդ. ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ==
 
Իթաքայի դասախոսական ակումբի դիմաց Հոմեր Մաքոլին իջավ հեծանիվից։ Դա մի սպիտակ շենք էր, ճարտարապետական մի խառնուրդ՝ գաղթապետական տան և անգլիական եկեղեցական ոճերի։ Ժամը երկուսն անց կես էր, կեսօրից հետո, և շաբաթ օրվա դասախոսությունը սկսվելու վրա էր։ Ներս էին մտնում փափլիկ, նորաձևության հետևող անորոշ և միջին տարիքի տիկնայք, մեծ մասամբ՝ մայրեր։ Ցրիչը մի հեռագիր հանեց գլխարկից և հասցեն կարդաց։ Հեռագիրն ուղղված էր Ռոզալի Սիմս֊Փիբիթիին՝ Իթաքայի դասախոսական ակումբ, Իթաքա, Կալիֆոռնիա։ Հանձնել՝ անձամբ։
 
Երբ ցրիչը մտավ դահլիճ, ակումբի նախագահը, մոտ հիսուն տարեկան գեղեցիկ և կլորիկ դեմքով մի տիկին, սկսել էր ներկայացնել օրվա դասախոսին, որը չէր երևում։ Ակումբի նախագահը հնչեցրեց սեղանի վրայի փոքրիկ զանգը, և ունկնդիրները սկսեցին լսել նրան։ Հոմեր Մաքոլին, սակայն, Ռոզալի Սիմս֊Փիբիթիին փնտրելիս, չկարողացավ փոքր֊ինչ չաղմկել։ Մի ինչ֊որ տիկին, մոտ իննսուն կիլոգրամ ծանրությամբ, սիրալիր ժպտալով, նրան սաստեց։
 
— Ես հեռագիր ունեմ Ռոզալի Սիմս֊Փիբաթիի համար,–– շշնջաց Հոմերը։— Անձամբ պետք է հանձնեմ նրան։
 
— Ռոզալի Սիմս֊Փիբիթի,— լեդին ուղղեց տղային։— Այո, Ռոզալի Սիմս֊Փիբիթին հեռագիր է սպասում։ Դու հեռագիրը նրան կհանձնես այն ժամանակ, երբ նա բեմում կերևա։
 
— Իսկ այդ ե՞րբ կլինի,— հարցրեց Հոմերը։
 
— Այս րոպեին,— ասաց լեդին,— նստիր և սպասիր։ Երբ Ռոզալի Սիմս֊Փիբիթին երևա, վազիր բեմ և բղավիր բարձր ու հստակ ձայնով. «Հեռագիր Ռոզալի Սիմս֊Փիբիթիի համար»։ Փիբաթի չասես, հա՜։
 
— Շատ լավ, տիկին,— ասաց Հոմերը։
 
Ցրիչը նստեց, իսկ լեդին հեռացավ ոտքի թաթերի վրա, հպարտորեն ժպտալով, կարևոր գործ կատարած մարդու տեսքով։
 
— Իթաքայի դասախոսական ակումբի անդամներ,— սկսեց խոսել ակումբի նախագահը։— Այսօր մեզ մեծ անակնկալ է սպասում։ Մեր դասախոսն է Ռոզալի Սիմս֊Փիբիթին։— Այս անվան հայտարարությունից հետո ակումբի նախագահը լռեց, որպեսզի ժամանակ տա սովորական ծափահարաթյան։ Ծափահարությոինից հետո նա շարունակեց։— Ես կարիք չեմ զգում ձեզ ասելու, թե ո՞վ է Ռոզալի Սիմս֊Փիբիթին։ Նա հռչակավոր է միջազգային առումով։ Նա մեր ժամանակի ամենամեծ կանանցից մեկն է։ Բոլորս լսել ենք նրա անունը և բոլորս գիտենք, որ նա հռչակավոր է։ Բայց արդյոք մենք գիտե՞նք, թե ինչու է նա հռչակավոր։— Եվ ինքն էլ պատասխանեց այս հարցին։— Ցավոք, չգիտենք,— ասաց նա և մի պահ լսարանում գտնվող իր ընկերներին՝ Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի կանանց նայելուց հետո, սկսեց այդ մեծ անձնավորության կենսագրությունը պատմել.— Ռոզալի Սիմս֊Փիբիթիի կյանքի պատմությունը առանձնապես ոգևորիչ է կանանց համար,— ասաց ակումբի նախագահը այնպիսի եղանակով, կարծես պատմում էր աննման մի բան, որը նվազ հրաշապատում չէր, քան Ոդիսևսի պատմությանը։— Սիմս֊Փիբիթին, նա նախընտրում է, որ իրեն այդպես կոչեն, ապրել է մի վիպական կյանք՝ արկածներով, վտանգներով ու գեղեցկությամբ լեցուն։ Ի դեպ, նա այսօր էլ տղամարդկանց խելքահան անող, համարձակ ու գեղեցիկ անգլիացի մի աղջիկ է, աղջիկ, որ պողպատի նման տոկուն է և շատ տղամարդկանցից ուժեղ։ Փաստորեն քիչ մարդիկ կան, որոնք ապրած լինեն այնպիսի արկածային կյանք, ինչպիսին Սիմս֊Փիբիթիի կյանքն է։— Տխրության մի մեղմ շեշտ զգացվեց Իթաքայի դասախոսական ակումբի նախագահի ձայնի մեջ, մինչ նա շարունակում էր պատմել այդ մեծ հերոսական կնոջ կյանքի դյուցազնավեպը։
 
— Գալով մեզ,— ասաց նա տխրորեն,— տանը նստողներիս, մայրերիս, այսպես ասած՝ երեխա բերող֊մեծացնողներիս, Սիմս֊Փիբիթիի կյանքը թվում է երազ, այդ մեր երազն է, չիրականացած երազը. մեզնից յուրաքանչյուրի, որ տանը նստած երեխաներ է ծնել և իր տան գործերը կարգավորել։ Ահա մի գեղեցիկ կյանք, որ ամեն մեկս պիտի նախընտրեր, եթե ունենար համարձակություն ու արիություն, բայց ճակատագիրը այդպիսի արկածներ չի վերապահել մեզ համար և այդ պատճառով էլ ամբողջ աշխարհում կա միայն մեկ Սիմս֊Փիբիթի։ Միայն մեկը։
 
Ակումբի նախագահը նորից նայեց իր ունկնդիր ընկերների դեմքերին։
 
— Ինչ սխրագործություններ է կատարել Սիմս֊Փիբիթին, որը նրան այդքան բացառիկ է դարձրել կանանց մեջ,— շարունակեց նա,— նրա արկածները շատ են, և եթե կարդամ այդ ցուցակը, դուք հազիվ թե հավատաք, որ որևէ կին կարող է այդպիսի բաներ անել և ողջ մնալ, բայց նա ողջ է, մեր մեջ է ահա և խոսելու է մեզ հետ։ Սիմս֊Փիբիթին խոսելու է մեզ հետ պարզ լեզվով, որից ոմանք պետք է սարսռան։ Բայց նախ թույլ տվեք այդ արկածները համառոտակի թվել, որովհետև նրանց լրիվ շարադրանքը կարող է մի ամբողջ օր տևել և գուցե նաև մի ամբողջ գիշեր, քանի որ յուրաքանչյուր օրը նոր արկած է ուղեկցել նրան՝ ուր որ գնում է, և մենք կարող ենք վստահ լինել, որ մեր անծանոթ փոքր քաղաքից, Իթաքայից չմեկնած, նա կհայտնաբերի այնպիսի բաներ, որոնք մենք ինքներս չենք նկատում։ Բայց խոսենք արկածների մասին։ 1915֊1917 թվականներին Սիմս֊Փիբիթին ռազմաճակատում շտապ օգնության մեքենավար է եղել։ 1917 և 1918 թվականների ընթացքում մի ուրիշ աղջկա հետ շրջել է աշխարհի շուրջը շոգեմակույկով, անասուններ փոխադրող նավերով, ոտքով և ձիով, ապրելով բազմաթիվ օտար վայրերում, երբեմն նույնիսկ բնիկների հյուղակներում։ Նա այցելել է 27 տարբեր երկրներ. ձերբակալվել է հարավային բանակի կողմից՝ Չինաստանում, երբ փորձում էր Կանտոնից Հանկոյ անցնել։
Ակումբի նախագահը մի պահ կանգ առավ՝ տեսնելու համար այդ մոգական խոսքերի ադդեցությունը, հետո կրկնեց դրանք, համարյա շշնջալով։
 
— Կանտոն և Հանկոյ։ Սիմս֊Փիբիթին Սիան փրփրաբաշ գետի վրայով անցնելով փախել է գերությունից ձմռանը, երբ ոչ ոք այդպիսի բան չէր համարձակվի։
 
1919֊ին, Հյուսիսային Աֆրիկայի վրայով Մարոկկոյից գնացել է Հաբեշստան։ 1920֊ին նա որպես հետախույզ ծառայել է Սիրիայում։ Դամասկոսում նա հանդիպել է Ֆեյսալ թագավորին, որը օգնել է նրան ուսումնասիրելու Կուֆարան, որտեղ, մինչ այդ, ոչ մի սպիտակամորթ ոտք չէր դրել, մի վայր, որ Սինուսի աղանդի գաղտնի և սուրբ մայրաքաղաքն է և գտնվում է Լիվիայի անապատի խորքերում: Սիմս֊Փիբիթին այնտեղ գնացել է ծպտված՝ որպես եգիպտուհի, ուղտով անցնելով հազար մղոն տարածություն, ուղեկից ունենալով միայն բնիկներին, որոնք անգլերեն մի բառ անգամ չեն իմացել։— Իթաքայի դասախոսական ակումբի նախագահը այս խոսքից հետո աչքերը բարձրացրեց և նայեց իր ամենամտերիմ երկու ընկերուհիներին։ Հոմեր Մաքոլին զարմացավ, թե ինչ էր ուզում ասել նա այդ հայացքով և հետո մտածեց, թե նա ինչքան երկար պիտի խոսի այս անհավատալի և զարմանալի անձնավորության՝ Ռոզալի Սիմս֊Փիբիթիի մասին։
 
— 1923 թվականին,— շարունակեց խոսողը,— Սիմս֊Փիբիթին տասնչորս օր նավարկել է արաբ անձնակազմ ունեցող քսան տոննանոց մի առագաստանավի վրա և Կարմիր ծովով գնացել է Ջեյսանի արգելված նավահանգիստը։ Այս անգամ նա ծպտված էր արաբ կնոջ կերպարանքով։ 1925֊ին նա մագլցել է Մարոկկոյի Ատլաս լեռը։ 1926 թվականին Հաբեշստանի միջով անցել է հազար հարյուր մղոն, որը, հավանաբար, համաշխարհային ռեկորդ է։— Այստեղ նախագահը իր և Իթաքայի իր բարեկամների համար սարսափելի վշտով ասաց։— Իսկ մենք, մեր հաճույքի համար երբևիցե քայլո՞ւմ ենք այնպիսի մի կարճ տարածություն, ինչպիսին է Գոդչոքից մինչև Ռեդինգ զբոսայգին։— Նա հառաչեց և ապա, չիմանալով ինչպես պատասխանել այդ հարցին, ասաց.— Վատ չէր լինի, եթե քայլեինք. մեր առողջության համար գուցե շատ օգտակար լիներ։— Ապա վերադարձավ օրվա դասախոսին ներկայացնելու գործին, նայելով ձեռքում բռնած թղթին։
 
— 1923֊ին Սիմս֊Փիբիթին անցել է Բալկաններով՝ լոնդոնյան մի թերթի հանձնարարությամբ,— շարունակեց նա,— մերթ մի երկրի բնիկ կնոջ կերպարանքով ծպտված, մերթ մի ուրիշ երկրի։
 
Ձանձրանալով, անհամբերությամբ սպասելով, ձգտելով վերադառնալ հեռագրատուն, իր գործին, Հոմեր Մաքոլին զարմացած մտածում էր. «Ինչո՞ւ է նա անընդհատ ծպտվում»։
 
Իթաքայի դասախոսական ակումբի նախագահը շարունակեց.
 
— 1930֊ին Սիմս֊Փիբիթին մի հետաքրքրական ճանապարհորդություն է կատարել Թուրքիայով և հանդիպել մի թուրքի՝ Մուստաֆա Քեմալին։ Այստեղ Սիմս֊Փիբիթին ծպտվել է լեռնաբնակ թուրք աղջկա կերպարանքով։ Ձիով անցել է ավելի քան հազար մղոն, ամբողջ Մերձավոր Արևելքը։ Ադրբեջանում ականատես է եղել կոմունիստական կարմիր բանակի կռիվներին կովկասյան ապստամբների դեմ։ 1931 թվականին շրջել է Հարավային Ամերիկայում, Բրազիլիայի ջունգլիներում, բնիկների ընկերակցությամբ, որոնցից մեկի անունը, ես այդ իմացել եմ հենց իրենից՝ Սիմս֊Փիբիթիից, Մեքս էր։— Իթաքայի դասախոսական ակումբի նախագահն արդեն մոտենում էր իր ճառի ավարտին։ Նա շունչ քաշեց և ասաց.— Սակայն Սիմս֊Փիբիթիի արկածները անվերջանալի են, իսկ դուք ուզում եք տեսնել և լսել նրան և ոչ թե ինձ։— Այս հաճելի համեստությունը հրաշալի ակումբի հրաշալի նախագահի մեջ ուղեկցվեց մի նյարդային ծիծաղով՝ համակրական սրտագին ծիծաղ առաջացնելով նրա բարեկամ ունկնդիրների մեջ։ Երբ պատշաճ հանդարտությանը իջավ ունկնդիրների վրա, նախագահը իր ճառը եզրափակեց թատերական մի ուժգին ձայնով.— Ինձ համար, որպես Իթաքայի դասախոսական ակումբի նախագահի, մեծ պատիվ է ծանոթացնել ձեզ Ռոզալի Սիմս֊Փիբիթիի հետ։
 
Ծափահարություններն այս անգամ վերածվեցին իսկական օվացիայի։ Ակումբի նախագահը դարձավ դեպի բեմի մուտքը, ողջունելու համար օրվա հռչակավոր այցելուին, բայց, ավաղ, այցելուն ոչ մի տեղ չէր երևում։ Ունկնդիրները, այդ ուշացումից օգտվելով, սաստկացրին ծափահարությանը և հավանաբար լրիվ երկու րոպե տևող ծափահարաթյունից հետո, որի ընթացքում մի քանի կանայք խոստովանեցին, թե իրենց ձեռքերը ցավեցին, վերջապես մեծ տիկինը երևաց։
 
Հոմեր Մաքոլին կարծում էր, թե ինքը կտեսնի մի այնպիսի կնոջ, որ բոլորովին տարբեր կլինի աշխարհում տեսած բոլոր կանանցից։ Նա չէր կարողանում ճշգրտորեն պատկերացնել, թե ինչ տեսք պիտի ունենար այդ արարածը, բայց վստահ էր, որ նա առնվազն հետաքրքրական կլիներ, և իսկապես չէր սխալվել։ Ռոզալի Սիմս֊Փիբիթին, կարճ ասած, մի բանած մարտական նժույգ էր, սեռազուրկ, չորացած, բարձրահասակ, ոսկրոտ, ծիծաղելի և տգեղ։ Հոմերը վեր կացավ ոչ թե նրա համար, որ հասել էր հեռագիրր տալու ժամանակը, այլ, ավելի շատ, զարմանքից։ Եվ տարօրինակ չէր, որ նա չվազեց դեպի բեմը հեռագիրը հանձնելու, ինչպես իրեն սովորեցրել էին։
 
Այդ ժամանակ, նույն սիրալիր տիկինը, որը նրան սովորեցրել էր անելիքը, վազելով եկավ, և մինչ Հոմերը ուշքի կգար, տղային սրահով հրեց դեպի բեմ՝ ականջին փսփսալով բավականաչափ բարձր, որ բոլորը լսեն.
 
— Դե, տղա, ժամանակն է, հանձնիր հեռագիրը։
 
Բեմի վրայի մեծ տիկինը իրեն այնպես էր պահում, կարծես տեղյակ չէր այդ բոլորին։
 
— Լեդիներ,— սկսեց նա,— Իթաքայի դասախոսական ակումբի անդամներ,— նրա ձայնը նույնքան անդուր էր, որքան և արտաքինը։
 
Հոմեր Մաքոլին բեմ վազեց և շատ հստակ ձայնով հայտարարեց.
 
— Հեռագիր Ռոզալի Սիմս֊Փիբիթիի համար։
 
Նշանավոր տիկինը դադարեցրեց ճառը և դարձավ լրաբերին, կարծես նրա երևալը բոլորովին պատահական էր։
 
— Այստեղ արի, մանչուկ,— ասաց նա,— ես եմ Սիմս֊Փիբիթին,— նա դարձավ ունկնդիրներին և ասաց,— ներեցեք լեդիներ։— Նա ստորագրեց, վերցրեց հեռագիրը և ցրիչին մի արծաթ դրամ տվեց՝ ասելով.— Վերցրու, քո վարձը, մանչուկ։
 
Հոմերի համար վիրավորական էր այդ դրամն ընդունելը, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ այնպես ծիծաղելի էր և շփոթեցնող, որ նա չկարողացավ մերժել։ Նա վերցրեց արծաթե դրամը և շատ այլայլված, բեմից ցած շտապելով, շենքից դուրս եկավ։ Դուրս շտապելիս նա լսում էր երևելի տիկնոջ ձայնը. նա վերսկսել էր իր ճառը։
 
— Ուրեմն, 1939 թվականին,— ասում էր նա,— այս նոր պատերազմի նախօրյակին, ես գտնվում էի Բավարիայում, գաղտնի միսիայով, էլզասցի կաթնավաճառուհու կերպարանքով ծպտված։
 
Փողոցում, մայթի վրա Հոմերը տեսավ Հենրի Վիլկինսոնին, որ դեռ երիտասարդ հասակում զրկվել էր երկու ոտքից, երկաթուղային աղետի պատճառով։ Եվ ահա, երեսուն տարի է գլխարկի մեջ լցրած մատիտներ էր ծախում։ Հոմերը նրան անունով չէր ճանաչում, բայց միշտ տեսել էր նրան, թեև երբեք նրանից մատիտ չէր գնել կամ նրա գլխարկի մեջ արծաթե դրամ գցել։ Ռոզալի Սիմս֊Փիբիթիի տված արծաթը նա գցեց այդ մարդու գլխարկի մեջ և շտապեց դեպի իր հեծանիվը։ Արդեն նստել էր հեծանիվը և քսան յարդ հեռացել, երբ զգաց, որ ինչ֊որ վատ բան կար իր արարքի մեջ։ Ետ դառնալով, նա հեծանիվը նետեց մայթի վրա և վազեց այն մարդու մոտ, որը երկու ոտքերն էլ կորցրել էր երեսուն տարի առաջ։ Այս անգամ Հոմերը նրա գլխարկի մեջ մի քառորդանոց գցեց, իր սեփական քառորդանոցը։
 
 
==Գլուխ երեսուներորդ. ԲԵԹՀԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ...==
 
Կես ժամ հետո ցրիչը հեծանիվից իջավ Այ փողոցի վրա գտնվող Բեթհել հյուրանոցի առջև և վազեց աստիճաններն ի վեր։ Ընդարձակ ընդունարանի անկյունում գրասեղանի փոխարեն դրված էր մի պարզ սեղան։ Սեղանի վրա մի փոքր զանգակ կար, իսկ պատի վրա գրված էր. «Զանգահարել»։ Ցրիչը նայեց շուրջը և տեսավ փոքր հյուրանոցի բազմաթիվ փակ դռները։ Հետո նայեց հեռագրին, որն ուղղված էր Դոլի Հաութորնին։ Սենյակներից մեկում նվագում էր պատեֆոնը և լսվում էր երկու երիտասարդ կանանց ու երկու տղամարդկանց խոսակցությունն ու ծիծաղը։ Մի վայրկյան անց մի ուրիշ սենյակից դուրս եկավ քառասունի մոտ մի տղամարդ և կանգնեց դռանը, խոսելով մի երիտասարդ կնոջ հետ, որի միայն գլուխն էր երևում։ Հետո դուռը արագ փակվեց, և տղամարդն աստիճաններով ցած իջավ։ Հոմերը սեղանի վրայի զանգը սեղմեց։ Քիչ առաջվա փակված դուռը նորից բացվեց, և աղջիկը կայտառ ձայնով բղավեց.
 
— Հիմա, այս րոպեիս։
 
Երբ աղջիկը երևաց, ցրիչը զարմացավ, որ աղջիկը այդքան գեղեցիկ ու երիտասարդ էր։ Նա Մերիից կամ Բեսից շատ տարբեր չէր։
 
— Հեռագիր՝ Դոլի Հաութորնի համար,— ասաց ցրիչը երիտասարդ կնոջը։
 
— Նա դուրս է եկել,— ասաց երիտասարդ կինը,— կարո՞ղ եմ նրա փոխարեն ստորագրել։
 
— Այո, տիկին,— պատասխանեց Հոմերը։ Երիտասարդ կինը ստորագրեց և հետաքրքրությամբ նայեց Հոմերին։
 
— Մի րոպե սպասիր, կարելի՞ է,— ասաց նա հանկարծ։ Նա շուռ եկավ և վազեց մի ուրիշ սենյակ։ Նրա գնալուց հետո մի տղամարդ բարձրացավ աստիճաններով և կանգնեց Հոմերի մոտ։ Նա և Հոմերը մի քանի անգամ իրար նայեցին։ Երբ աղջիկը վերադարձավ և տեսավ այդ տղամարդուն, կանչեց Հոմերին, և նրանք մտան այն սենյակը, որտեղից աղջիկը առաջին անդամ դուրս էր եկել։ Սենյակում անծանոթ, տարօրինակ հոտ էր տարածված։
 
Երիտասարդ կինը ցրիչին մի նամակ տվեց.
 
— Այս նամակը փոստ կգցե՞ս,— ասաց նա, նայելով ցրիչի աչքերին։— Շատ կարևոր է,— շարունակեց նա։— Իմ քրոջն է ուղղված. նամակատուն տար, օդային հատուկ հանձնում, պատվիրած։ Նամակի մեջ փող կա։ Իմ քույրը փողի կարիք է զգում։ Նամականիշ չունեմ։— Երիտասարդ կինը մի պահ լռեց, որպեսզի Հոմերը ժամանակ ունենա հասկանալու, թե ինչքան կարևոր է այդ նամակը գցելը։— Այդ բանը կանե՞ս ինձ համար։
 
Իրեն անհասկանալի ինչ֊որ պատճառով ցրիչը վատ զգաց։ Դա նման էր ճիշտ այն զգացումին, որ նա ունեցել էր մեքսիկացի կնոջ տանը, որի տղան պատերազմում սպանվել էր։
 
— Այո, տիկին,— ասաց Հոմերը,— ես հենց հիմա նամակը ուղիղ նամակատուն կտանեմ, պատվիրած, օդային, հատուկ հանձնում կանեմ։ Հենց հիմա կտանեմ,— կրկնեց նա։
 
— Ահա մի դոլար,— ասաց երիտասարդ կինը,— նամակը գլխարկիդ մեջ դիր։ Ոչ ոք թող չտեսնի։ Ոչ ոքի այդ մասին մի ասա։
 
— Շատ լավ, տիկին,— ասաց Հոմերը,— ոչ ոքի չեմ ասի։— Նա նամակը դրեց գլխարկի մեջ։— Ես այն ուղիղ նամակատուն կտանեմ, հետո կբերեմ ձեր փողի մնացորդը։
 
— Կարիք չկա, ետ մի գա,— ասաց երիտասարդ կինը։— Դե, շտապիր և հիշիր, որ ոչ ոք չպետք է իմանա։
 
— Չեմ ասի,— ասաց Հոմերը և սենյակից դուրս եկավ։ Նա աստիճաններին հասավ ճիշտ այն ժամանակ, երբ աղջիկը մոտեցել էր վաճառասեղանի մոտ կանգնած մարդուն։ Աստիճանի առաջին անկյունադարձին նա դեմ֊դիմաց ելավ մի շքեղ հագնված փարթամ կնոջ, որը հիսուն֊հիսունհինգ տարեկան կլիներ։ Կինը, ցրիչին տեսնելով, կանգնեց և ժպտաց նրան.
 
— Ինձ հեռագի՞ր ես բերել,— ասաց նա,— Դոլի Հաութորնին։
 
— Այո, տիկին,— ասաց Հոմերը,— վերևում թողեցի։
 
— Ապրես,— ասաց Դոլի Հաութորնը։ Նա մի պահ նայեց Հոմերին, հետո ասաց,— դու նոր ցրիչ ես, ճի՞շտ է։ Ես բոլոր ցրիչներին ճանաչում եմ։ Նրանք բոլորն էլ լավ, բարի տղաներ են, թե Արևմտյան ընկերության և թե Փոսթալ թելեգրաֆի տղաները։ Բոլոր ցրիչները ինձ հետ լավ են և ես նրանց նկատմամբ լավ եմ տրամադրված։— Դոլի Հաոլթորնը բացեց ձեռքի թանկարժեք պայուսակը և մի քանի այցետոմս հանեց։
 
— Վերցրու,— ասաց նա ու Հոմերին մեկնեց մոտ քսան այցետոմս։
 
— Այդ ինչի՞ համար է,— ասաց Հոմերը։
 
— Դու ամեն տեղ հեռագիր ես տանում,— ասաց Դոլի Հաութորնը,— դու լինում ես նաև գինետներում։ Դրանք պարզապես թող այդ տեղերում, դուրս գալու ժամանակ։ Այդ այցետոմսերը դիր ուղևորների, զինվորների և նավաստիների մոտ, որոնք կարող են մի գիշերվա համար սենյակի կարիք զգալ։ Այս սարսափելի պատերազմի ընթացքում մենք պետք է աշխատենք մեր տղաներին երջանկացնել, քանի դեռ նրանք մեզ մոտ են գտնվում։ Ոչ ոք ինձնից լավ չգիտի, թե որքան կարող է թախծել զինվորը, երբ չգիտի, թե ինչ է սպասվում իրեն, ո՞ղջ է լինելու, թե՞ մեռած։
 
— Այո, տիկին,— ասաց Հոմերը։
 
Նա փողոց դուրս ելավ, իսկ միսիս Դոլի Հաութորնը շարունակեց բարձրանալ Բեթհելի հյուրասենյակները։
 
Գլուխ 30
ԲԵԹՀԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ...
Կես ժամ հետո ցրիչը հեծանիվից իջավ Այ փողոցի վրա գտնվող Բեթհել հյուրանոցի առջև և վազեց աստիճաններն ի վեր։ Ընդարձակ ընդունարանի անկյունում գրասեղանի փոխարեն դրված էր մի պարզ սեղան։ Սեղանի վրա մի փոքր զանգակ կար, իսկ պատի վրա գրված էր. «Զանգահարել»։ Ցրիչը նայեց շուրջը և տեսավ փոքր հյուրանոցի բազմաթիվ փակ դռները։ Հետո նայեց հեռագրին, որն ուղղված էր Դոլի Հաութորնին։ Սենյակներից մեկում նվագում էր պատեֆոնը և լսվում էր երկու երիտասարդ կանանց ու երկու տղամարդկանց խոսակցությունն ու ծիծաղը։ Մի վայրկյան անց մի ուրիշ սենյակից դուրս եկավ քառասունի մոտ մի տղամարդ և կանգնեց դռանը, խոսելով մի երիտասարդ կնոջ հետ, որի միայն գլուխն էր երևում։ Հետո դուռը արագ փակվեց, և տղամարդն աստիճաններով ցած իջավ։ Հոմերը սեղանի վրայի զանգը սեղմեց։ Քիչ առաջվա փակված դուռը նորից բացվեց, և աղջիկը կայտառ ձայնով բղավեց.
— Հիմա, այս րոպեիս։
Երբ աղջիկը երևաց, ցրիչը զարմացավ, որ աղջիկը այդքան գեղեցիկ ու երիտասարդ էր։ Նա Մերիից կամ Բեսից շատ տարբեր չէր։
— Հեռագիր՝ Դոլի Հաութորնի համար,— ասաց ցրիչը երիտասարդ կնոջը։
— Նա դուրս է եկել,— ասաց երիտասարդ կինը,— կարո՞ղ եմ նրա փոխարեն ստորագրել։
— Այո, տիկին,— պատասխանեց Հոմերը։ Երիտասարդ կինը ստորագրեց և հետաքրքրությամբ նայեց Հոմերին։
— Մի րոպե սպասիր, կարելի՞ է,— ասաց նա հանկարծ։ Նա շուռ եկավ և վազեց մի ուրիշ սենյակ։ Նրա գնալուց հետո մի տղամարդ բարձրացավ աստիճաններով և կանգնեց Հոմերի մոտ։ Նա և Հոմերը մի քանի անգամ իրար նայեցին։ Երբ աղջիկը վերադարձավ և տեսավ այդ տղամարդուն, կանչեց Հոմերին, և նրանք մտան այն սենյակը, որտեղից աղջիկը առաջին անդամ դուրս էր եկել։ Սենյակում անծանոթ, տարօրինակ հոտ էր տարածված։
Երիտասարդ կինը ցրիչին մի նամակ տվեց.
— Այս նամակը փոստ կգցե՞ս,— ասաց նա, նայելով ցրիչի աչքերին։— Շատ կարևոր է,— շարունակեց նա։— Իմ քրոջն է ուղղված. նամակատուն տար, օդային հատուկ հանձնում, պատվիրած։ Նամակի մեջ փող կա։ Իմ քույրը փողի կարիք է զգում։ Նամականիշ չունեմ։— Երիտասարդ կինը մի պահ լռեց, որպեսզի Հոմերը ժամանակ ունենա հասկանալու, թե ինչքան կարևոր է այդ նամակը գցելը։— Այդ բանը կանե՞ս ինձ համար։
Իրեն անհասկանալի ինչ֊որ պատճառով ցրիչը վատ զգաց։ Դա նման էր ճիշտ այն զգացումին, որ նա ունեցել էր մեքսիկացի կնոջ տանը, որի տղան պատերազմում սպանվել էր։
— Այո, տիկին,— ասաց Հոմերը,— ես հենց հիմա նամակը ուղիղ նամակատուն կտանեմ, պատվիրած, օդային, հատուկ հանձնում կանեմ։ Հենց հիմա կտանեմ,— կրկնեց նա։
— Ահա մի դոլար,— ասաց երիտասարդ կինը,— նամակը գլխարկիդ մեջ դիր։ Ոչ ոք թող չտեսնի։ Ոչ ոքի այդ մասին մի ասա։
— Շատ լավ, տիկին,— ասաց Հոմերը,— ոչ ոքի չեմ ասի։— Նա նամակը դրեց գլխարկի մեջ։— Ես այն ուղիղ նամակատուն կտանեմ, հետո կբերեմ ձեր փողի մնացորդը։
— Կարիք չկա, ետ մի գա,— ասաց երիտասարդ կինը։— Դե, շտապիր և հիշիր, որ ոչ ոք չպետք է իմանա։
— Չեմ ասի,— ասաց Հոմերը և սենյակից դուրս եկավ։ Նա աստիճաններին հասավ ճիշտ այն ժամանակ, երբ աղջիկը մոտեցել էր վաճառասեղանի մոտ կանգնած մարդուն։ Աստիճանի առաջին անկյունադարձին նա դեմ֊դիմաց ելավ մի շքեղ հագնված փարթամ կնոջ, որը հիսուն֊հիսունհինգ տարեկան կլիներ։ Կինը, ցրիչին տեսնելով, կանգնեց և ժպտաց նրան.
— Ինձ հեռագի՞ր ես բերել,— ասաց նա,— Դոլի Հաութորնին։
— Այո, տիկին,— ասաց Հոմերը,— վերևում թողեցի։
— Ապրես,— ասաց Դոլի Հաութորնը։ Նա մի պահ նայեց Հոմերին, հետո ասաց,— դու նոր ցրիչ ես, ճի՞շտ է։ Ես բոլոր ցրիչներին ճանաչում եմ։ Նրանք բոլորն էլ լավ, բարի տղաներ են, թե Արևմտյան ընկերության և թե Փոսթալ թելեգրաֆի տղաները։ Բոլոր ցրիչները ինձ հետ լավ են և ես նրանց նկատմամբ լավ եմ տրամադրված։— Դոլի Հաութորնը բացեց ձեռքի թանկարժեք պայուսակը և մի քանի այցետոմս հանեց։
— Վերցրու,— ասաց նա ու Հոմերին մեկնեց մոտ քսան այցետոմս։
— Այդ ինչի՞ համար է,— ասաց Հոմերը։
— Դու ամեն տեղ հեռագիր ես տանում,— ասաց Դոլի Հաութորնը,— դու լինում ես նաև գինետներում։ Դրանք պարզապես թող այդ տեղերում, դուրս գալու ժամանակ։ Այդ այցետոմսերը դիր ուղևորների, զինվորների և նավաստիների մոտ, որոնք կարող են մի գիշերվա համար սենյակի կարիք զգալ։ Այս սարսափելի պատերազմի ընթացքում մենք պետք է աշխատենք մեր տղաներին երջանկացնել, քանի դեռ նրանք մեզ մոտ են գտնվում։ Ոչ ոք ինձնից լավ չգիտի, թե որքան կարող է թախծել զինվորը, երբ չգիտի, թե ինչ է սպասվում իրեն, ո՞ղջ է լինելու, թե՞ մեռած։
— Այո, տիկին,— ասաց Հոմերը։
Նա փողոց դուրս ելավ, իսկ միսիս Դոլի Հաութորնը շարունակեց բարձրանալ Բեթհելի հյուրասենյակները։
 
==Գլուխ երեսունմեկերորդ. ՄԱՐԴ֊ՄԵՔԵՆԱՆ==
 
Հանրային գրադարանում կատարած արկածային ուղևորությունից հետո Լայոնելն ու Յուլիսիսը շարունակեցին ճանապարհորդել Իթաքայում։ Երեկոյան նրանք անգործների և անցորդների մի փոքրիկ բազմության առջև էին, որը դիտում էր երրորդ կարգի մի դեղատան ցուցափեղկի մեջ կանգնած մարդուն։ Մարդը շարժվում էր մեքենայի նման, թեև, ըստ երևույթին, շնչավոր էակ էր։ Նրա նայվածքն այնպիսին էր, կարծես մեղրամոմից շինված լիներ։ Նա անմարդկային էր թվում և կանգնած վիճակում նման էր չթաղված մի դիակի, որը դեռևս կարողանում է շարժվել։ Այդ մարդը ամենաանհավատալի բանն էր, որ Յուլիսիսը երբևէ տեսել էր աշխարհում իր ապրած չորս տարիների ընթացքում։ Այդ տարօրինակ մարդու աչքից ոչ մի լույս չէր ճառագում։ Նրա շուրթերը փակվել էին այնպիսի ձևով, որ կարծես երբեք չէին բացվելու։
 
Այդ մարդը բժիշկ Բրադֆորդի կենաց բուժադեղն էր գովազդում։ Նրա կողքերին երկու ցուցատախտակներ էին փակցված։ Մեկի վրա գրված էր հետևյալ հայտարարությունը. «Միստր Մեջանս՝ մարդ֊մեքենա, կիսամեքենա֊կիսամարդ։ Ավելի շատ մեռած, քան կենդանի։ Հիսուն դոլար մրցանակ կստանաս, եթե կարողանաս շարժել նրա ժպիտը, հինգ հարյուր՝ եթե կարողանաս ծիծաղեցնել»։ Մյուս տախտակի վրա միստր մարդ֊մեքենան դնում էր թղթերը, որոնք նա մեքենաբար վերցնում էր տախտակի առջևի փոքր սեղանից։ Այս թղթերի վրա տպագրված էին տարբեր հայտարարություններ, որոնցով կոչ էր արվում ժողովրդին՝ գնելու բժիշկ Բրադֆորդի՝ մարդու օրգանիզմը ավելի կենսունակ դարձնող հայտնագործած դեղը։ Յուրաքանչյուր թերթը տախտակի վրա տեղավորելուց հետո մարդ֊մեքենան ձեռքի փայտիկով ցույց էր տալիս դրվածը։ Երբ բոլոր տասը թերթերը դարսվում էին տախտակի վրա, մարդ֊մեքենան վերցնում էր դրանք, և դնում սեղանին, ապա այդ ամբողջ գործողությունը սկսում նորից։
 
— Դա մարդ է, Յուլիսիս,— ասաց Լայոնելն ընկերոջը։— Հավատացնում եմ։ Մեքենա չէ, Յուլիսիս, ազնիվ խոսք, մարդ է։ Նայիր աչքերին։ Նա ողջ է։ Տեսնո՞ւմ ես։
 
Մարդ֊մեքենայի այդ պահին դրած թղթի վրա կարելի է կարդալ. «Ի՞նչ ես կիսամեռ վիճակում քարշ գալիս։ Վայելիր կյանքը։ Գնիր բժիշկ Բրադֆորդի կենաց դեղը, և դու քեզ բոլորովին երիտասարդ կզգաս»։
 
— Տես, մի ուրիշ թերթ դրեց,— ասաց Լայոնելը,— վրան ինչ֊որ բան է գրված։— Հանկարծ նա ձանձրացավ և ուզեց տուն գնալ։— Եկ գնանք, Յուլիսիս,— ասաց նա,— բոլոր այդ թղթերն արդեն երեք անգամ դրել է։ Տուն գնանք, արդեն երեկո է։— Նա բռնեց ընկերոջ թևից, բայց Յուլիսիսը նրա ձեռքը մի կողմ հրեց։
 
— Եկ, Յուլիսիս,— ասաց Լայոնելը,— եկ տուն գնանք, ես քաղցած եմ։— Բայց Յուլիսիսը գնալ չէր ուզում։ Նա կարծես չէր էլ լսում Լայոնելի ասածը։
 
— Ես գնում եմ, Յուլիսիս,— սպառնաց Լայոնելը։ Նա սպասեց, որ Յուլիսիսը իրեն հետևի, բայց տղան տեղից չշարժվեց։ Մի քիչ վիրավորված և զարմացած այս դավաճանությունից, Լայոնելը տուն գնաց՝ յուրաքանչյուր երեք կամ չորս քայլից հետո ետ դառնալով՝ տեսնելու համար, թե վերջապես ընկերը չի՞ միանում իրեն։ Բայց ոչ, Յուլիսիսը ուզում էր մնալ և նայել մարդ֊մեքենային։ Լայոնելը խորապես վիրավորված զգաց։ «Ես կարծում էի, թե ամբողջ աշխարհում նա իմ լավագույն ընկերն է»,— ասաց նա՝ ճանապարհը շարունակելով։
 
Յուլիսիսը կանգնել էր մի փոքր խումբ մարդկանց մեջ և նայում էր մարդ֊մեքենային, մինևև որ, ի վերջո, մնացին ինքը և մի ծերունի։ Մարդ֊մեքենան շարունակում էր թղթերը հավաքել և նորից դնել տախտակի վրա։ Նա շարունակում էր թղթերի վրայի յուրաքանչյուր բառը ցույց տալ։ Շուտով ծերունին էլ գնաց և մայթի վրա մնաց միայն Յուլիսիսը, որը դեռ նայում էր դեղատան ցուցափեղկի տարօրինակ էակին։ Արդեն մութ էր։ Երբ փողոցի լույսերը վառվեցին, Յուլիսիսը դուրս եկավ այն կախարդական հափշտակությունից, որի մեջ գցել էր նրան այդ մարդ֊մեքենան։ Նա ասես հմայված լիներ։ Սթափվելով, Յուլիսիսը նայեց շուրջը։ Օրը ավարտվել էր, և բոլորը գնացել էին։ Միակ բանը, որ մնացել էր շուրջը, այն էր, որի անունը նա չգիտեր։ Մահ։
 
Փոքրիկ տղան հանկարծ նայեց մեքենա֊մարդուն։ Նրան թվաց, որ այդ մարդը իրեն է նայում։ Տղան հանկարծ ուժեղ սարսափ զգաց և սկսեց փախչել։ Փողոցների հատուկենտ անցորդները նրան նույնպես մեռած թվացին, ինչպես այդ մարդ֊մեքենան։ Մարդիկ հանկարծ նրան թվացին տգեղ, ոչ այնպես գեղեցիկ, ինչպես առաջներում։ Յուլիսիսը վազեց մինչև շնչասպառ լինելը։ Նա կանգ առավ՝ դժվար շնչելով և համարյա արցունքներ թափելով։ Նայեց շուրջը, զգալով մի խոր, անհողդողդ լռություն ամեն ինչի մեջ՝ մարդ֊մեքենայի մահվան սարսափը։ Մինչև այժմ նա վախ չէր զգացել, մանավանդ այդպիսի մեծ վախ։ Նրա համար այժմ ամենադժվարին բանն այն էր, թե ինչ պիտի անի հետո։ Նրա հոգեկան անդորրը ալեկոծվել էր, սարսափը պատել էր նրան։ Նա նորից սկսեց վազել։ Վազելիս ինքն իրեն ասում էր համարյա արտասվելով. «Հայրիկ, մայրիկ, Մարկուս, Բես, Հոմեր, հայրիկ, մայրիկ, Մարկուս, Բես, Հոմեր»։
 
Աշխարհը, անշուշտ, հրաշալի էր և անշուշտ՝ լի լավ բաներով, որոնք կարելի էր նորից ու նորից տեսնել, բայց այժմ աշխարհն այնպիսին էր, որից փախչել էր պետք, միայն թե Յուլիսիսը չգիտեր՝ թե ո՞ր ուղղությամբ։ Նա ուզում էր շուտ հասնել իր ընտանիքի անդամներից մեկնումեկին։ Նա մի պահ սարսափահար կանգ առավ և հետո սկսեց դիտել իր շուրջը՝ զգալով անհավատալի աղետի ներկայությունը, մի աղետ, որից կարող էր խուսափել միայն հասնելով հորը, մորը, եղբայրներից մեկին կամ քրոջը։ Եվ այդ ժամանակ նրանցից որևէ մեկին հասնելու փոխարեն, փողոցի հեռու ծայրում նա տեսավ իրենց թաղի խմբի ղեկավարին՝ Օգյուստ Գոթլիբին։ Լրագրավաճառ տղան կանգնել էր ամայացած փողոցի անկյունում և թերթերի վերնագրերն էր բղավում, կարծես գտնվում էր մի մարդաշատ վայրում և պարտավոր էր ասել, թե աշխարհում այդ օրը ինչեր էին տեղի ունեցել։ Գլխավոր վերնագրերը բղավելը Օգյուստ Գոթլիբին միշտ էլ մի քիչ ծիծաղելի էր թվացել, որովհետև, նախ վերնագրերը շատ հաճախ զանազան սպանությունների մասին էին լինում և, բացի այդ, անհարմար էր Իթաքայի փողոցներում ելնել մարդկանց մեջ ու բարձրաձայն բղավել։ Լրագրավաճառը ուրախանում էր, երբ փողոցները ամայացած էր տեսնում։ Երբ Իթաքայի փողոցները դատարկվում էին, Օգյուստ Գոթլիբը կարծես ուրախ, որ ինքը քաղաքի միակ բնակիչն է, ձայնը սովորականից ավելի էր բարձրացնում, բղավելով օրվա սովորական նորությունները։ Ո՞ւմ էին պետք այդ լուրերը, և ի՞նչ օգուտ դրանցից։ Անշուշտ, կարելի էր թերթ ծախել և մի քանի սենթ շահել, բայց մի՞թե այդ է ամբողջը։ Մի՞թե հիմարություն չէր օրվա սուտ լուրերը բղավել, կարծես ուրախ բան լիներ ավետածը։ Ամոթ չէ՞ր, որ մարդիկ այդքան անտարբեր էին դարձել լուրերի հանդեպ։ Երբեմն, նույնիսկ երազի մեջ, լրագրավաճառը բղավում էր համաշխարհային լուրերի վերնագրերը, բայդ այդտեղ էլ, երազում, նա հեգնանք և արհամարհանք էր զգում լուրերի էության նկատմամբ, և երբ բղավում էր, ինքը կանգնած էր լինում մի բարձունքի վրա, իսկ ներքևում ծփում էին հանցանքի ու ոճիրի մեջ լողացող բազմություններ, որոնք, լսելով նրա որոտացող ձայնը, դադարեցնում էին գործերը և նայում էին վերև՝ իրեն, իսկ նա բղավում էր նրանց։
 
— Ետ գնացեք, վերադարձեք ձեր հայրենիքը։ Դադարեցրեք ձեր ոճիրը, դրա փոխարեն ծառեր տնկեցեք։— Նրա հոգուն միշտ սիրելի էր ծառ տնկելու գաղափարը։
 
Երբ Յուլիսիսը Օգյուստ Գոթլիբին տեսավ փողոցի անկյունում, սարսափի մեծ մասը փարատվեց, և նա սկսեց հասկանալ, որ աշխարհում վերստին բարություն ու սեր գտնելու համար երկար տարիներ անհրաժեշտ չեն։ Փոքրիկ տղան ուզեց բղավել Օգյուստ Գոթլիբին, բայց ձայն հանել չէր կարողանում։ Փոխարենը, ամբողջ ուժով վազեց դեպի լրագրավաճառը և իրեն գցեց նրա գիրկը այնպիսի ուժով, որ Օգիին համարյա գետին գլորեց։
 
— Յուլիսիս,— ասաց լրագրավաճառը,— ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես լաց լինում։
 
Յուլիսիսը նայեց փոքրիկ լրագրավաճառի աչքերին, բայց խոսել չէր կարողանում։
 
— Դու վախեցե՞լ ես, Յուլիսիս,— ասաց Օգին,— դե մի վախեցիր, ինչի՞ց ես վախենում։ Դե՛, լաց մի լինիր, Յուլիսիս, վախենալու բան չկա։— Բայց փոքրիկը տակավին չէր կարողանում զսպել լացը։— Լաց մի լինիր,— ասաց Օգին և սպասեց, որ Յուլիսիսը դադարեցնի լացը։ Յուլիսիսը շատ ճիգ գործադրեց, որ լաց չլինի, և շուտով հեկեկոցները սկսեցին անկանոն դառնալ, վերածվեցին հեծկլտանքի։ Հետո Օգին ասաց.— Լսիր, Յուլիսիս, եկ գնանք Հոմերի մոտ։
 
Լսելով եղբոր անունը, Յուլիսիսը ժպտաց և հեկեկոցը կուլ տվեց։
 
— Հոմերի՞,— ասաց նա։
 
— Անշուշտ,— ասաց Օգին,— քո եղբոր մոտ։ Արի։
 
Օ՜, որքան կուզեր այդ փոքրիկ տղան հավատալ դրան։
 
— Գնա՞նք Հոմերին տեսնելու,— ասաց նա։
 
— Անշուշտ,— ասաց Օգին,— հեռագրատունը անկյունում է։
 
Օգյուստ Գոթլիբն ու Յուլիսիս Մաքոլին քայլեցին դեպի հեռագրատուն։ Նրանք Հոմերին գտան առաքման սեղանի առաջ նստած։ Երբ Յուլիսիսը տեսավ եղբորը, դեմքը լրիվ խաղաղվեց։ Սարսափը չքացավ նրա հայացքից, որովհետև իրեն զգաց տանը։
 
Երբ Հոմերը տեսավ Յուլիսիս եղբորը, վեր կացավ և գնաց տղայի մոտ ու նրան թևերի մեջ առավ։ Նա դարձավ Օգիին։
 
— Ի՞նչ է պատահել,— ասաց նա,— Յուլիսիսը այս ժամին քաղաքում ի՞նչ է անում։
 
— Կարծեմ կորել էր,— ասաց Օգին,— նա լաց էր լինում։
 
— Լա՞ց էր լինում,— ասաց Հոմերը և նորից գրկեց եղբորը, մինչ փոքրը մի նոր հեկեկոց էր կուլ տալիս։— Շատ լավ, Յուլիսիս,— ասաց նա,— այլևս լաց մի լինիր։ Քեզ հեծանիվով տուն կտանեմ։ Դե՛, լաց մի լինիր։
 
Հեռագրատան կառավարիչը՝ Թոմաս Սփանգլերը, իր սեղանի մոտից դիտում էր երեք տղաներին, իսկ ծեր հեռագրիչը՝ Վիլյամ Գրոգանը նույնիսկ դադարեցրեց գործը, նրանց դիտելու համար։ Նրանք մի քանի անգամ իրար նայեցին։ Հոմերը եղբորը իջեցրեց գրկից։ Երբ Յուլիսիսը մոտեցավ առաքման սեղանին՝ դիտելու համար այդտեղի աշխատանբը, Հոմերը համոզվեց, որ տղան իրեն շատ լավ է զգում։ Յուլիսիսը իրեն միշտ լավ էր զգում, եթե որևէ բանով հետաքրքրվում էր։ Հոմերը գիտեր Օգյուստին և ասաց.
 
— Շնորհակալաթյուն, Օգի, շատ վատ կլիներ, եթե նա քեզ չգտներ։
 
Սփանգլերը վեր կացավ և գնաց երկու տղաների մոտ։
 
— Հելլո, 0գի,— ասաց նա,— ինձ մի թերթ տուր։
 
— Իսկույն, սըր,— ասաց Օգին և սկսեց թերթը ծալելու իր սովորական արարողությունը, որը կատարում էր նա ծախելիս, բայց Սփանգլերը կանգնեցրեց նրան և թերթը վերցրեց նախքան ծալելը։ Հեռագրատան վարիչը նայեց վերնագրերին, ապա թերթը գցեց զամբյուղի մեջ։
 
— Գործերն ինչպե՞ս են, Օգի,— հարցրեց նա։
 
— Վատ չեն, միստր Սփանգլեր,— պատասխանեց Օգին։— Այսօր հիսունհինգ սենթ եմ աշխատել, բայց վաճառքն սկսեցի ցերեկվա ժամը մեկից։ Երբ յոթանասունհինգ սենթը լրացնեմ, տուն կգնամ։
 
— Ինչո՞ւ,— ասաց Սփանգլերը,— ինչո՞ւ ես ուզում յոթանասունհինգ սենթի հասցնել։
 
— Չգիտեմ,— ասաց Օգին,— պարզապես մտածեցի շաբաթ օրը յոթանասունհինգ սենթ աշխատել։ Քաղաքում համարյա թե մարդ չկա, բայց ինձ թվում է, որ մնացած թերթերը մեկ կամ երկու ժամում կծախեմ։ Շուտով, ընթրիքից հետո, ժողովուրդը փողոց դուրս կգա, կինո գնացող մարդիկ կլինեն։
 
— Ոչինչ,— ասաց Սփանգլերը,— գրողի ծոցը գնան այդ կինոյի մարդիկ։ Դու մնացած թերթերը ինձ տուր և հենց հիմա տուն գնա։ Ահա քեզ մի քառորդ։
 
Թեև լրագրավաճառ տղան խորապես շնորհակալ էր հեռագրատան վարիչի այդ վերաբերմունքից, սակայն, այնուամենայնիվ, գործարքը նրան արդարացի չէր թվում։ Թերթը պետք էր ծախել մեկ առ մեկ, և յուրաքանչյուրը՝ տարբեր մարդկանց։ Պետք է կանգնել փողոցի անկյունում և վերնագիրը բղավելով ժողովրդի մեջ թերթ կարդալու ցանկություն առաջացնել։ Թեև դա այդպես էր, բայց նա շատ հոգնած էր և ուզում էր տուն գնալ ընթրելու։ Բացի այդ, նա մինչև այդ երբեք չէր հանդիպել Սփանգլերի նման մի մարդու, որ բոլոր թերթերը ուզենար գնել՝ դրանք անմիջապես զամբյուղը գցելու համար։ Եվ գուցե դա էլ հենց օրվա ամենամեծ նորությունն էր։ Սակայն նրան պարզապես ցավ էր պատճառում, որ Սփանգլերի պես լավ մարդն է այդ բանը անում և ոչ թե փողոցի թափթփուկներից մեկը. գուցեև ոչ թափթփուլկ, այլ դրա նման մի բան։ Փոքրիկ լրագրավաճառը, այնուամենայնիվ, ուզեց բողոքել այդպիսի վաճառի դեմ։
 
— Չեմ ուզում ձեզ մի քառորդի վնաս պատճառել, միստր Սփանգլեր,— ասաց նա։
 
— Ոչինչ,— ասաց Սփանգլերը։— Դու թերթերը տուր և տուն գնա։
 
— Շատ լավ, սըր,— ասաց Օգին։— Գուցե մի օր կփոխհատուցեմ այդ քառորդը։
 
— Անշո՜ւշտ, անշո՜ւշտ,— ասաց Սփանգլերը և թերթերը նետեց զամբյուղը։
 
Օգին դարձավ Յուլիսիսին, որն այդ ժամանակ զբաղված էր ցպահանջ հեռագրերի արկղը ուսումնասիրելով։
 
— Յուլիսիսը կորավ,— ասաց Օգին միստր Սփանգլերին։
 
— Ոչինչ,— ասաց Սփանգլերը,— չի կորի։ Յուլիսիս,— նա կանչեց տղային և Յուլիսիսը դարձավ հեռագրատան վարիչին։ Սակայն ոչինչ չգտնելով տղային ասելու, Սփանգլերը հարցրեց.
 
— Ինչպե՞ս ես։
 
Իր հերթին, համարյա պատասխան չգտնելով, Յուլիսիսն ասաց.
 
— Շատ լավ։
 
Նրանցից յուրաքանչյուրն էլ զգում էր, որ ինքը ուրիշ բան էր ուզում ասել։
 
Իմանալով հանդերձ, որ սխալ բան էր ասում, Հոմերը մեջ մտավ.
 
— Նա այժմ լավ է։— Օգին, իր հերթին, շփոթությունից, նույն բառերը այնպես կրկնեց, բոլորովին նոր իմաստ դնելով դրանց մեջ։ Նրանք բոլորն էլ շփոթված էին՝ բայց շատ երջանիկ էին և ուրախ, մանավանդ Սփանգլերը։
 
Վիլյամ Գրոգանը՝ հեռագրիչը, մտքերի այս փոխանակությունից հետո, իր շիշը դուրս քաշեց, խցանը հանեց և մի մեծ կում խմեց։
 
Օգին շրջվեց տուն գնալու, բայց Հոմերը պահեց նրան։
 
— Մի րոպե սպասիր,— ասաց նա,— ես քեզ հեծանիվով տուն կտանեմ. կարելի է, չէ՞, միստր Սփանգլեր։ Ես հեռագիր եմ բերելու Իթաքայի գինու գործարանից, իսկ դա մեր տան ճանապարհի վրա է։ Եթե կարելի է, ես Յուլիսիսին և Օգիին տուն կտանեմ, ապա կգնամ Իթաքայի գինու գործարանը։ Կարելի՞ է։
 
— Անշուշտ, անշուշտ,— ասաց Սփանգլերը և վերադարձավ իր սեղանի մոտ։ Նա վերցրեց խաշած ձուն, որը, նրա կարծիքով, երջանկություն է բերում, կամ, առնվազն, դժբախտությունը հեռուլ է վանում իրենից։
 
— Ոչ,— Օգին ասաց Հոմերին,— կարիք չկա, որ դու ինձ հեծանվով տանես։ Միանգամից երկու հոգի հեծանիվով տանելը շատ դժվար է, Հոմեր։ Ես ոտքով տուն կհասնեմ։
 
— Ոչ, ես քեզ տուն կտանեմ,— ասաց Հոմերը,— դու չես կարող արագ տուն հասնել։ Դու կնստես իմ առաջ, իսկ Յուլիսիսը կնստի ղեկին։ Դե, գնանք։
 
Երեք տղաները գնացին դեպի Հոմերի հեծանիվը։ Բեռը շատ ծանր էր, մանավանդ մի մարդու համար, որի ոտքը վնասված է, բայց Հոմերը իր ուղևորներին հանգիստ տուն հասցրեց։ Նրանք նախ կանգ առան Արայի խանութի կողքին՝ Օգիենց փոքր տան առաջ։ Ինքը Արան կանգնել էր խանութի առջև՝ որդու ձեռքից բռնած։ Նրանք երկինք էին նայում։ Փողոցի մյուս կողմը, մի հին ընկուզենու տակ, բակում կանգնել էր միսիս Մաքոլին և պարանի վրայից չորացած սպիտակեղենն էր հավաքում։ Մերին և Բեսը նվագում և երգում էին հյուրասենյակում, որտեղից լսվում էին դաշնամուրի մեղմ հնչյուններն ու Մերիի ձայնը։
 
Օգին հեծանիվից իջավ և տուն գնաց։ Մի ձեռքով հեծանիվը բռնած, Հոմերը մի պահ կանգնեց փողոցում՝ նայելով մերթ դեպի երկինք, մերթ դեպի Մաքոլիների տան կողմը։ Քիչ հետո Օգին տնից դուրս եկավ ու գնաց նպարավաճառ Արայի մոտ։
 
— Այսօր առևտուրը լա՞վ էր, միստր Արա,— հարցրեց Օգին նպարավաճառին։
 
— Շնորհակալություն, Օգի,— պատասխանեց խանութպանը։— Գոհ եմ։
 
— Ես յոթանասունհինգ սենթ ունեմ, որը ուզում եմ ծախսել,— ասաց Օգին։— Վաղվա համար ուզում եմ շատ բան գնել։
 
— Խնդրեմ, Օգի,— ասաց նպարավաճառը, սակայն նախքան խանութ մտնելը, նա որդուն ցույց տվեց երկնքի ամպերը և ասաց։
 
— Տեսնո՞ւմ ես, Ջոն,— ասաց նա,— արդեն գիշեր է գալիս, շուտով մենք կմտնենք անկողին։ Կքնենք ամբողջ գիշեր։ Երբ առավոտ լինի, մենք նորից վեր կկենանք։ Այդ կլինի նոր օր։
 
Նպարավաճառը, նրա որդին և հարևանի տղան մտան խանութ, իսկ Յուլիսիսը, այդ պահին իր եղբոր հեծանիվի ղեկին նստած, աչքը չէր հեռացնում մորից։ Հոմերը նորից նստեց հեծանիվը և սկսեց դեպի տուն քշել։
 
— Մայրի՜կը,— Յուլիսիսն ասաց եղբորը, շուռ գալով և նրա դեմքին նայելով։
 
— Այո,— ասաց Հոմերը,— մայրիկն է, ծառի տակ կանգնած, տեսնո՞ւմ ես նրան։
 
Երբ նրանք մոտեցան ծառի տակ կանգնած կնոջը, փոքր եղբոր դեմքը լուսավորվեց ժպիտով, բայց միևնույն ժամանակ խորունկ տխրություն կար այդ դեմքի վրա, ինչպես և նրա եղբոր դեմքին, որը բռնել էր Հեծանիվի ղեկը՝ համարյա գրկելով նրան։
 
Հոմերը քշեց դատարկ տարածությունով դեպի իրենց տան բակը, ընկուզենու տակ։ Նա իջավ հեծանիվից և Յուլիսիսին իջեցրեց։ Յուլիսիսը կանգնեց ու նայեց մորը։ Նրա դեմքից մեկընդմիշտ չքացել էր մարդ֊մեքենայի ներշնչած սարսափը։
 
— Մայրիկ, նա կորել էր,— ասաց Հոմերը,— Օգին դտավ նրան և բերեց հեռագրատուն։ Ես մնալ չեմ կարող, բայց ներս կմտնեմ Բեսին և Մերիին ողջունելու։
 
Հոմերը տուն մտավ և կանգնեց մութ ճաշասենյակում, ականջ դնելով իր քրոջն ու եղբոր սիրած աղջկան։ Երբ երգն ավարտվեց, նա հյուրասենյակ մտավ։
 
— Բարև ձեզ,— ասաց նա։
 
Աղջիկները շրջվեցին։
 
— Բարև, Հոմեր,— ասաց Մերին և ապա, շատ արագ, երջանիկ ձայնով ավելացրեց։— Այսօր Մարկուսից նամակ ստացա։
 
— Ճի՞շտ, Մերի,— ասաց Հոմերը,— ինչպե՞ս է։
 
— Հրաշալի,— ասաց Մերին։— Շուտով նրանք կմեկնեն, բայց չգիտեն՝ թե ուր։ Նա գրում է, որ չմտահոգվենք, եթե որոշ ժամանակ նամակ չստանանք։
 
— Նա բոլորիս էլ գրել է,— ասաց Բեսը,— մայրիկին, ինձ և նույնիսկ Յուլիսիսին։
 
— Ճի՞շտ,— ասաց Հոմերը և մի պահ սպասեց, որ ասեն նաև իրեն ուղարկված նամակի մասին, կարծես վախենալով, որ այդպիսի բան չասվի։ Ապա, շատ հանգիստ, ասաց.
 
— Նա ինձ նամակ չի՞ ուղարկել։
 
— Օ՜հ, անշուշտ,— ասաց Մերին,— քոնը ամենաերկարն է։ Մի՞թե կարծում էիր, որ եթե նա գրել է բոլորիս, քեզ կարող է գրած չլինել։
 
Հոմերի քույրը սեղանից մի նամակ վերցրեց և մեկնեց նրան։ Հոմերը երկար ժամանակ նայում էր նամակին։ Քույրը ասաց.
 
— Ինչո՞ւ բաց չես անում ու կարդում։ Մեզ համար էլ կարդա։
 
— Ոչ, Բես,— ասաց Հոմերը։— Ես պետք է գնամ։ Ես այն գրասենյակ կտանեմ և գիշերը կկարդամ, երբ ազատ ժամանակ կունենամ։
 
— Մենք ամբողջ օրը աշխատանք փնտրեցինք,— ասաց Բեսը,— սակայն չգտանք։
 
— Բայց չափազանց զվարճացանք,— ասաց Մերին։— Զվարճալի էր պարզապես գնալն ու հարցնելը՝ աշխատանք կա՞։
 
— Չգիտեմ՝ դա զվարճության է, թե ոչ,— աաաց Հոմերը,— բայց ես ուրախ եմ, որ դուք աշխատանք չեք ճարել։ Մի մտածեք գործի մասին։ Իմ աշխատավարձը մեզ հերիք է, իսկ Մերիի հայրը լավ պաշտոն ունի Իթաքայի գինու գործարանում։ Երկուսդ էլ կարիք չունեք աշխատանք փնտրելու։
 
— Ունենք, Հոմեր,— ասաց Բեսը,— այն էլ ինչպիսի կարիք։ Մոտ օրերս մենք մի գործ կգտնենք։ Երկու տեղ ասացին, որ նորից հանդիպենք։
 
— Գործ գտնելու մասին երբեք մի մտածեք,— ասաց Հոմերը։ Նա բարկացած էր։— Քեզ հարկավոր չէ, Բես, և ոչ էլ քեզ, Մերի։ Թող տղամարդիկ աշխատեն։ Աղջիկները պետք է տանը մնան, դաշնամուր նվագեն, երգեն, և երբ տղամարդը տուն դառնա, գեղեցիկ տեսքով դիմավորեն նրան։ Այդ է ձեր անելիքը։— Նա մի պահ լռեց, դարձավ Մերիին, խոսեց քնքշությամբ։
 
— Երբ Մարկուսը տուն գա,— ասաց նա,— դուք երկուսդ կարող եք մի փոքր տուն վարձել և ընտանիք կազմել այնպես, ինչպես կցանկանաք։— Նա դարձավ Բեսին.— Շուտով դու էլ, Բես, կգտնես քո հավանած տղային։ Դա միակ աշխատանքն է, որի մասին պեաք է մտածեք։ Պատերազմը չպետք է պատճառ լինի, որ բոլորը իրենց գլուխը կորցնեն։ Պարզապես մնա տանը և օգնիր մայրիկին, իսկ դու, Մերի, օգնիր քո հորը։
 
Հոմերը այնպես տիրական էր, որ Բեսը համարյա հպարտությամբ լցվեց, որովհետև մինչ այդ չէր նկատել, որ նա ամեն ինչի նկատմամբ այդքան հոգատար լիներ։
 
— Իմ ասածը մի մոռացեք,— ասաց Հոմերը քրոջը և հարևանի աղջկան։— Իսկ այժմ, իմ գնալուց առաջ, մի երգ նվագեք և երգեք։
 
— Ի՞նչ երգ ես ուզում,— հարցրեց Բեսը։
 
— Որևէ երգ,— ասաց Հոմերը։
 
Հոմերի քույրը՝ Բեսը, սկսեց նվագել, իսկ Մերին՝ երգել։ Ցրիչը մութ ընդունարանում կանգնած լսում էր։ Երգը դեռ չավարտած՝ նա հանգիստ դուրս եկավ։ Բակում նկատեց Յուլիսիսին, որ հավաբնի առաջ կանգնած նայում էր մի ձվի։
 
— Մա՜,— գոչեց Հոմերը։ Մայրը շրջվեց։— Վաղը անպայման եկեղեցի կգնանք։ Բոլորս միասին, Մերին նույնպես։
 
— Ինչո՞ւ, ի՞նչ ես ուզում ասել, Հոմեր,— ասաց միսիս Մաքոլին,— մենք ամեն կիրակի եկեղեցի ենք գնում, և Մերին միշտ մեղ հետ է լինում։
 
— Գիտեմ,— ասաց Հոմերը մի քիչ անհամբերությամբ,— բայց վաղը՝ անպայման պետք է գնանք։ Եվ Մերին անպայման մեզ հետ պետք է լինի։— Նա դարձավ եղբորը և ասաց.— Ձեռքիդ մեջ ի՞նչ կա, Յուլիսիս։
 
— Ձու,— ասաց Յուլիսիսը այնպես, կարծես խոսքը աստծո մասին էր։
 
Հոմերը նստեց հեծանիվը և ուղղվեց դեպի Իթաքայի գինու գործարանը։
 
 
==Գլուխ երեսուներկուերորդ. ԹԵՎԵՐԴ, ՏԵՐ, ՄԵԶ ԱՊԱՎԵՆ==
 
Այն ժամանակ, երբ Հոմերը հեծանիվը քշում էր դեպի գինու գործարան, հեռվում, շատ հեռվում, այնքան հեռվում, որ նույնիսկ օրվա ժամն այնտեղ տարբերվում էր Իթաքայի ժամից, ամերիկյան մարդատար մի գնացք սլանում էր ամերիկյան հողի վրայով, ամերիկյան գիշերվա միջով։ Գնացքը լցված էր ամերիկացի տղաներով, որոնց մեջ էին նաև Մարկուսն ու նրա ընկերը՝ Քոբին։ Բոլորն էլ զինվորական զգեստ էին հագել և բոլորն էլ յուրացրել էին պատերազմի արհեստը։ Բայց նրանց աչքերից, նրանց բարձր տրամադրությունից, նրանց ծիծաղից ու երգելուց կարելի էր հասկանալ, որ սոսկ ռազմիկներ չէին, այլ ազգ՝ ըստ որում՝ լավ ու մեծ ազգ։ Թեև ակնհայտ էր, որ նրանք սովորել էին շարք կանգնել և կարգ ու կանոն պահպանել, անհատական ազատությունը ենթարկել ջոկատի պահանջներին, այսուհանդերձ, նրանք մեքենա չէին դարձել և դեռևս մնացել էին մարդկային էակներ, իրենց մարդկային պարզ ու հասարակ ցանկություններով։ Թեև նրանք մի քիչ աղմկում էին և չէին գիտակցում իրենց վիճակը, բայց զուրկ չէին արժանապատվությունից։ Եթե նրանց աղմկարարությունը արդյունք էր խոր վախի, այնուհանդերձ, նրանք անվախներ էին։ Ցուցամոլության ու նման կեղծ նպատակների համար չէր, որ նրանք պատրաստ էին հաղթահարելու երկյուղը, և եթե պետք է՝ մեռնելու։ Նրանք պարզապես ամերիկացի տղաներ էին, ոմանք նույնիսկ քառասունը անց, բայց մեծ մասը պատանիներ, եկած մեծ քաղաքներից և փոքր ավաններից, ֆերմաներից և գրասենյակներից, հարուստ և աղքատ ընտանիքներից, պատանիներ՝ խլված մեծ աշխարհներից և փոքր աշխարհներից, մի կողմ թողած շքեղ երազանքները, խաղաղ կյանքի համեստ անուրջները, պատանիներ՝ պայծառ հոգով ու արագաթռիչ, պատանիներ՝ դանդաղամիտ ու սովորական։ Եվ աղմուկի, ծիծաղի, ուրախության, շփոթության սրամտության, տգիտության և խոր իմաստության այդ խառնարանի մեջ Մարկոլս Մաքոլին ու նրա ընկեր Թոբի Ջորջը հանգիստ զրուցում էին։
 
— Վերջապես կարծես թե գնում ենք,— ասաց Թոբին։
 
— Գնում ենք,— պատասխանեց Մարկուսը։
 
— Գիտե՞ս, Մարկուս,— ասաց Թոբին,— ես գոհ եմ իմ բախտից, որովհետև, եթե այս պատերազմը չլիներ, քեզ չէի հանդիպի և երբեք չէի իմանա քո ընտանիքի մասին։
Մարկուսը շփոթվեց.
 
— Շնորհակալ եմ,— ասաց նա,— ես նույնպես ուրախ եմ, որ ծանոթացա քեզ հետ։— Նա մի պահ լռեց և հետո տվեց այն հարցը, որ տալիս է ամեն ոք, ում սպառնում է անծանոթ վտանգը։— Ուզում եմ, որ ճշմարիտն ասես,— ասաց նա,— դու շա՞տ ես մտահոգվում, որ կարող ես սպանվել։
 
Մյուսը անմիջապես չկարողացավ պատասխանել այդ հարցին, բայց, ի վերջո, ասաց.
 
— Անշուշտ։ Ես կարող եմ ստել, այնպես ձևացնել, թե ինձ համար միևնույն է։ Բայց ճիշտ չէ։ Այդ բանը ինձ մտահոգում է։ Իսկ քե՞զ։
 
— Ինձ նույնպես,— ասաց Մարկուսը,— ես շատ եմ մտահոգվում։ Ուզեցի պարզապես իմանալ քո կարծիքը։— Նա մի պահ լռեց, ապա ասաց.— Ինչո՞ւ ես ուզում վերադառնալ։
 
— Չգիտեմ,— ասաց Թոբին, որովհետև նա իսկապես չգիտեր։— Ինձ թվում է, որ ուզում եմ վերադառնալ, ինչ էլ որ ինձ սպասելիս լինի։ Ես քեզ նման ընտանիք չունեմ։ Չունեմ մեկը, որի մոտ վերադառնամ, բայց ինչ էլ լինի, ուզում եմ վերադառնալ։ Ինձ սպասող սիրած աղջիկ չունեմ, ինչպիսին քո Մերին է, բայց գիտեմ, որ ուզում եմ վերադառնալ, եթե, իհարկե, կարողանամ։
 
— Հասկանալի է,— ասա ց Մարկուսը։
 
Նորից մի պահ լուռ մնացին, հետո Մարկուսն ասաց.
 
— Այդ ինչի՞ց է, որ դու սիրում ես երգել։
 
— Ինչ իմանամ,— ասաց Թոբին։— Ես պարզապես սիրում եմ երգել։— Նրանք միասին ունկնդրեցին գնացքի աղմուկը, հետո Թոբին ասաց.— Դու ինչի՞ մասին ես մտածում։
Այդ հարցին պատասխանելուց առաջ Մարկուսը մի պահ մտածեց։
 
— Մտածում եմ հորս մասփն,— ասաց նա,— և մորս, և Բես քրոջս, և Հոմեր եղբորս, և Յուլիսիս եղբորս մասին։ Մտածում եմ Մերիի մասին և նրա հոր՝ միստր Արենայի մասին։ Մտածում եմ մեր բոլոր հարևանների մասին, մեր տան առջևի դատարկ տարածության, երեխաների, տների, Արայի խանութի և իր՝ Արայի մասին։ Երկաթգծի մասին, որտեղ ես սիրում էի դիտել գնացքների անցնելը, կիրակնօրյա դպրոցի, եկեղեցու, դասարանի դիմացի այգու, Հանրային գրադարանի, ծեր ուսուցիչների, իմ դասընկերների մասին, որոնք իմ կյանքի մասն են կազմել։ Սրանցից ոմանք արդեն մեռել են, անշուշտ, ոչ այս պատերազմում։
 
— Տարօրինակ բան է,— ասաց Թոբին,— գուցեև դու չհավատաս, բայց ես այնպիսի զգացողություն ունեմ, որ կարծես Իթաքան նաև իմ հայրենի քաղաքն է։— Նա մի պահ լռեց, ապա ասաց.— Եթե ողջ մնանք, եթե ողջ վերադառնանք, ինձ քեզ հետ Իթաքա կտանե՞ս, ցույց կտա՞ս քեզ ծանոթ տեղերը և կպատմե՞ս դրանց մասին, կասե՞ս, թե ինչ պատահեց այստեղ, կամ ինչ պատահեց այնտեղ։
 
— Իհարկե,— պատասխանեց Մարկուսը,— անպայման։ Ես հենց այդպես էլ ուզում եմ անել։ Ուզում եմ նաև, որ դու ծանոթանաս իմ ընտանիքի հետ։ Մենք աղքատ ենք, միշտ այդպես ենք եղել, բայց իմ հայրը մեծ մարդ էր։ Նա հաջողակ մարդ չէր։ Նա հազիվ հացի փող էր վաստակում, ավելին չէր կարողանում։
 
— Մաթյու Մաքոլի՞ն,— հարցրեց Թոբին։
 
— Այո,— պատասխանեց Մարկուսը,— Մաթյու Մաքոլին՝ իմ հայրը։ Նա աշխատում էր խաղողի այգիներում, մրգի փաթեթավորման պահեստներում և գինեգործարաններում։ Նա կատարում էր հասարակ, սովորական, ամենօրյա գործեր։ Եթե նրան փողոցում տեսնեիր, կմտածեիր, որ սովորական մարդ է, հասարակ և աննշան։ Բայց դրանով հանդերձ նա մեծ մարդ էր։ Նա իմ հայրն էր, և ես գիտեմ, որ նա մեծ մարդ էր։ Միակ բանը, որը նրան մտահոգում էր, իր ընտանիքն էր՝ մայրս և իր զավակները։ Նա ամիսներով փող հավաքեց և մասնավճարով տավիղ գնեց, այո, տավիղ։ Ես գիտեմ, որ հիմա ոչ ոք տավիղ չի նվագում, բայց մայրս երազել էր տավիղ ունենալ, և հայրս փող հավաքեց ու նրա համար տավիղ գնեց։ Հինգ տարի տևեց, մինչև որ հայրս վճարեց տավիղի արժեքը։ Դա ամենաթանկ տավիղն էր, որ կարելի էր գնել։ Մենք կարծում էինք, թե ամեն տուն տավիղ ունի, որովհետև մենք ունեինք։ Հետո իմ քույր Բեսի համար դաշնամուր գնեց, որը, ճիշտ է, այնքան թանկ չէր, որքան տավիղը։ Ես կարծում էի, թե բոլորը հորս նման մեծ էին, մինչև որ աշխարհ մտա և հանդիպեցի ուրիշ մարդկանց։ Անշուշտ, բոլորն էլ լավն են, բոլորն էլ հրաշալի են, բայց չեմ կարծում, որ մեծ լինեն։ Գուցե դա նրանից է, որ ես նրանց դեռ լավ չեմ ճանաչամ։ Անհրաժեշտ է լավ ճանաչել մարդկանց, իմանալու համար մե՞ծ են նրանք, թե ոչ։ Շատ մարդիկ կան, որ մեծ են, բայց ոչ ոք գլխի չի ընկնում, որ նրանք մեծ են։
 
— Կուզենայի քո հոր նման մի մարդու հանդիպել,— ասաց Թոբին,— պարտադիր չէ, որ նա իմ հայրը լիներ։ Ով ուզում է լինի, միայն թե ես ճանաչեի նրան։ Գուցե բախտավոր եմ, որ չգիտեմ, թե ով է իմ հայրը, որովհետև, չիմանալով, կարող եմ միշտ հավատալ, որ նա մեծ էր, ինչպես քո հայրը։
 
— Գուցե իսկապես մեծ էր,— ասաց Մարկուսը։
 
— Գուցե,— ասաց Թոբին,— հույս ունեմ։ Գիտե՞ս ինչ, ես չգիտեի, որ երեխաները հայրեր ու մայրեր են ունենում, մինչև որ դպրոց գնացի ու այդ մասին լսեցի երեխաների զրույցները։ Ես երկար ժամանակ ուշքի չէի գալիս։ Գուցե այդ է պատճառը, որ ես սիրում եմ երգել։ Երբ երգում ես, մենակությունն այնքան էլ չես զգում։— Հետո ամաչելով, համարյա երկչոտությամբ, հարցրեց.— Ինչպիսի՞ աղջիկ է Բեսը։
 
Մարկուսը հասկացավ, որ ընկերը այդ հարցը տալիս անհարմար էր զգում, և ուզեց, որ նա անհարմար չզգա։
 
— Ոչինչ,— ասաց Մարկուսը,— դու կարող ես քրոջս մասին հարցնել։ Ես ուզում եմ, որ դու հանդիպես նրան։ Ինձ թվում է, որ նա քեզ կհավանի։
 
— Ի՞նձ,— ասաց Թոբին։
 
— Այո, քեզ, ինձ թվում է, որ նա քեզ շատ կհավանի,— ասաց Մարկուսը։— Ուզում եմ քեզ ինձ հետ տանել մեր տուն։ Եթե դուք իրար հավանեք... լավ կլինի, եթե Բեսը... ինչ անենք, որ նա իմ քույրն է... մի խոսքով, ես պարզապես կարծում եմ, որ նա քեզ շատ կհավանի։
 
Մարկուսը սկսեց շատ արագ խոսել, որովհետև զգում էր, որ այդ նյութի շուրջ համարյա անհնար է զրուցել, թեև, միաժամանակ զգում էր, որ դա անհրաժեշտ է։ Այդ պատճառով էլ նա ուզում էր, որ բառերը ասվեն ինչքան կարելի է արագ և լինեն տպավորիչ, որպեսզի վարանումն ու շփոթությունը շուտ փարատվեին։
 
— Ամուսնացիր հետը և ապրիր Իթաքայում,— ասաց նա,— Իթաքան լավ քաղաք է։ Դու այնտեղ երջանիկ կլինես։ Ահա նրա նկարը, պահիր մոտդ։— Նա Թոբիին տվեց Բեսի մի փոքրիկ նկարը։— Պահիր քո զինվորական գրքույկում, ինչպես ես Մերիի նկարն եմ պահում։ Տե՛ս։
 
Թոբի Ջորջը վերցրեց իր ընկերոջ քրոջ նկարը և երկար ժամանակ նայեց, իսկ Մարկուսը նայում էր նրան։ Ի վերջո, նա ասաց.
 
— Բեսը իսկապես գեղեցիկ է։ Ես չգիտեմ, կարո՞ղ է մարդ սիրահարվել մի աղջկա, որին չի տեսել, բայց զգում եմ, որ արդեն սիրահարվել եմ Բեսին։ Ինձ վատ եմ զգում։ Ճիշտն ասած, մինչև հիմա վախենում էի խոսել քեզ հետ Բեսի մասին։ Բայց մտածեցի, որ գուցե շատ չես նեղանա, եթե խոսեմ, քանի որ ռազմաճակատ ենք գնում, և հայտնի չէ, թե ինչ կպատահի մեզ հետ։ Ես միշտ կարծել եմ, որ չունեմ նույն իրավունքները, ինչ ուրիշներն ունեն, որովհետև, գիտես ինչ, ես մի տղա եմ, որի անունը որբանոցում է դրվել, ոչ թե հոր կամ մոր կողմից, մի տղա, որ նույնիսկ չգիտի, թե ովքեր են իր հայրն ու մայրը, չգիտի անգամ, թե ինչ ազգության են պատկանել նրանք, ո՞ր ազգից է ինքը։ Ոմանք ասում են, որ ես իսպանացի կամ ֆրանսիացի եմ, ուրիշները, թե՝ իտալացի կամ հույն, կամ թե՝ կեսանգլիացի֊կեսիռլանդացի։ Համարյա ամեն մարդ ինձ տարբեր ազգություն է տալիս։
 
— Դու ամերիկացի ես և վերջ,— ասաց Մարկուսը։— Ամեն մարդ դա կարող է նկատել հենց առաջին հայացքից։
 
— Անշուշտ,— ասաց Թորին,— և դա ճիշտ է, շատ ճիշտ։ Ես, իհարկե ամերիկացի եմ։ Բայց կուզենայի իմանալ, որ ամերիկացիներից։
 
— Դու պարզապես ամերիկացի ես, որի անունը Թոբի Ջորջ է,— ասաց Մարկուսը։— Կարիք չկա ավելին իմանալու։ Պահիր այդ նկարը։ Մենք կվերադառնանք Իթաքա, երկուսս էլ ընտանիք կկազմենք, երբեմն կայցելենք իրար, մի քիչ երաժշտություն և երգ կլսենք և այդպես կապրենք մեր կյանքը։
 
— Գիտե՞ս ինչ, Մարկուս,— ասաց Թոբին,— ես քեզ հավատում եմ։ Աստված վկա, ես քեզ հավատում եմ։ Չեմ կարծում, որ դու այդ բոլորը ասում ես սոսկ նրա համար, որ մենք ճանապարհի ընկերներ ենք։ Ես քեզ հավատում եմ և աշխարհում ամենից շատ ուզում եմ քեզ հետ Իթաքա գնալ։— Նա մի պահ լռեց՝ մտածելով, թե ինչը կարող է այդ բանին խանգարել, ապա ասաց.— Եթե Բեսը ինձ չսիրի, եթե նա ուրիշին սիրի, եթե նա ամուսնացած լինի, երբ մենք այնտեղ հասնենք, միևնույն է՝ Իթաքան կլինի իմ բնակավայրը։ Չգիտեմ, թե ինչու, բայց թվում է, որ Իթաքան այժմ հարազատ տուն է նաև ինձ համար։ Կյանքումս առաջին անգամ զգում եմ, որ տուն ունեմ։ Կարծում եմ չես նեղանա, եթե ասեմ, որ Մաքոլի ընտանիքը իմ ընտանիքն է, որովհետև դա ճիշտ այն ընտանիքն է, որ ես կփափագեի ունենալ, եթե հնարավոր լիներ ընտրություն կատարել։ Հույս ունեմ, որ աստծո օգնությամբ Բեսը կսիրի ինձ, ուրիշին չի սիրի, որովհետև արդեն գիտեմ, որ ես սիրում եմ նրան։— Այժմ նա շատ ցածրաձայն էր խոսում ու թեև գնացքը աղմուկով լեցուն էր, Մարկուսը կարողանում էր լսել նրա խոսքերը։— Թեև Բեսը դեռևս այդ չգիտի, միևնույն է, նա իմն է։ Եվ այս ես ամեն ինչ պիտի անեմ, որ ողջ մնամ, մինչև որ հասնեմ Իթաքա, հաս֊եմ Բեսին։ Իթաքան իմ տունն է։ Ես ուզում եմ այնտեղ ապրել։ Ես ուզում եմ այնտեղ մահանալ, եթե հաջողվի։
 
— Մենք կվերադառնանք,— ասաց Մարկոլսը։— Մենք մի օր Իթաքայում կլինենք՝ Բեսը և դու, Մերին և ես, մայրս, Հոմերը և Յուլիսիսը։ Այ, կտեսնես։
 
Երկու ընկերները երկար ժամանակ լուռ էին։ Նրանց մոտեցան ուրիշ տղաներ, և բոլորը միասին աղմկեցին, նույնիսկ երգեցին մի երգ, որ իրենք էին հորինել, մի երգ փողոցային կանանց մասին, թե ինչ բանի համար են նրանք պիտանի։ Եվ հետո, այդ երգի կեսին, կարծես ասելիքը հենց այդ երգից էր բխում, Թոբին հարցրեց.
 
— Աղոթո՞ւմ ես։
 
Եվ Մարկուսը շտապով պատասխանեց.
 
— Մի՛շտ, մի՛շտ։
 
— Որբանոցում,— ասաց Թոբին,— մեզ ստիպում էին աղոթել։ Այնտեղ դա պարտագիր էր։ Ուզեինք֊չուզեինք՝ պիտի աղոթեինք։
 
— Այդքան էլ վատ կարգ չէ,— ասաց Մարկուսը,— թեև աղոթքը այնպիսի բան է, որ չի կարելի ստիպել։ Էլ ինչ աղոթք, եթե պարտադրված է։
 
— Գիտեմ,— ասաց Թոբին,— ահա թե ինչու որբանոցից հետո ես թողեցի աղոթելը։ Տասներեք տարեկանից հետո ոչ մի աղոթք ասած չկամ։ Իսկ հիմա նորից կսկսեմ... հենց այս րոպեից։— Նա մի պահ լռեց, հետո առանց աչքերը փակելու, առանց գլուխը խոնարհելու, առանց ձեռքերը ծալելու սկսեց աղոթել, և ինչ֊որ նա ասաց, անկասկած աղոթք էր։— Ինձ Իթաքա վերադարձրու,— ասաց նա,— եթե կարող ես։ Քո կամքը թող լինի, բայց եթե կարող ես, ինձ Իթաքա հասցրու։ Թույլ տուր տուն հասնեմ։ Պաշտպան դարձիր բոլորին։ Բոլորին վշտից հեռու պահիր։ Անտուններին ապաստան տուր, պանդուխտին տուն հասցրու, իսկ ինձ՝ Իթաքա։— Նա կանգ առավ և սկսեց նորից երգել քիչ առաջվա անառակ երգը։ Հանկարծ դադարեց երգելուց ու բղավեց։
 
— Ամե՛ն։
 
— Լավ աղոթք էր,— ասաց Մարկուսը։— Հույս ունեմ, որ ի կատար կածվի։
 
Որբը հիշեց, որ մի քանի բաներ աղոթքից դուրս էր թողել։ Ուստի և շարունակեց.
 
— Պահպանիր Իթաքա քաղաքը,— ասաց նա։— Այնպես արա, որ քայլեմ նրա փողոցներով։ Բոլոր Մաքոլիներին պահպանիր։ Պահպանիր Բեսին։ Նրան զգացնել տուր, որ ես իրեն սիրում եմ։ Պահպանիր Մարկուսին և Մերիին։ Պահպանիր նրա մորը, Հոմեր եղբորը և Յուլիսիս եղբորը։ Պահպանիր նրանց տունը և տան կողքի բաց տարածությունը։ Պահպանիր տավիղը, դաշնամուրը և երգերը։ Պահպանիր երկաթգիծը, որպեսզի տեսնեմ գնացքների անցնելը։ Պահպանիր այն երկիրը, ուր այդ բոլոր բաները կան և ինձ արժանացրու ապրել այնտեղ, ուր ուզում եմ՝ Իթաքայում։ Ինձ Իթաքա հասցրու, եթե կարող ես։ Այսքան։— Եվ նորից բարձրաձայն ասաց.— Ամե՛ն։
Այդ միջոցին զինվորները մի ուրիշ երգ էին երգում, որը նույնպես իրենք էին հորինել։ Երգի ասելիքն այն էր, որ աշխարհը անկայուն է, հատկապես կնոջ սերը, և տղաները հրճվում էին այդ երգի ցինիկ իմաստությամբ։ Թոբին և Մարկուսը միացան երգողներին։ Հանկարծ Թոբին դադարեց երգելուց և հարցրեց.
 
— Իսկ դու ինչի՞ համար ես աղոթում, Մարկուս։
 
Մարկուսը նույնպես լռեց, ասելով.
 
— Ես աղոթում եմ նույն բանի համար, ինչ որ դու, հենց նույն բանի համար։— Եվ նորից երկու ընկերները սկսեցին երգել ցինիկ իմաստով այդ երգը։
 
Երգից հետո ամբողջ գնացքը լռեց։ Ոչ մի պատճառ չկար, բայց բոլորը մի պահ պապանձվել էին ու խորապես լրջացել։ Ի վերջո, Ջո Հիգգինս անունով զինվորը, Մարկուսին ու Թոբիին մոտենալով, ասաց.
 
— Ի՞նչ պատահեց, ինչո՞ւ բոլորը այդպես լռեցին։ Թոբի, մի երգ չե՞ս երգի, իսկ դու, Մարկուս, ակորդեոնի վրա չե՞ս նվագի։
 
— Ի՞նչ երգ ես ուզում լսել, Ջո,— հարցրեց Մարկուսը։
 
— Օհ, չգիտեմ,— ասաց Ջոն,— բոլոր կեղտոտ երգերը արդեն երգել ենք, գուցե մի հին բան երգենք, գիտե՞ս ինչ, մի մաքուր բան։ Մի հին սաղմոս չերգե՞նք... Բոլորս գիտենք, սովորել ենք երեխա ժամանակ։
 
— Ինչո՞ւ չէ,— ասաց Մարկուսը,— դու ո՞ր սաղմոսն ես սիրում, Ջո։
 
— Տղաներ, մի ծիծաղեք ինձ վրա, ես կուզենայի լսել «Թևերդ, տեր» երգը։ Գիտե՞ք «Թներդ, տեր, մեզ ապավեն» երգը։
 
Մարկուսը դարձավ Թոբիին.
 
— Այդ երգի խոսքերը գիտե՞ս, Թոբի,— հարցրեց նա։— Եթե չգիտես, կարող եմ քեզ օգնել։
 
— Խոսքե՞րը,— ասաց Թոբին,— իհարկե գիտեմ. ամբողջ տասը տարի, ամեն կիրակի այդ սաղմոսը երդել եմ։
 
— Շատ լավ,— ասաց Մարկուսը,— այդ դեպքում Ջոյի համար երգենք։— Մարկուսը դարձավ Ջոյին։— Իսկ դու, Ջո, եթե ուզես ձայնակցել մեզ, երգիր։ Փույթ չէ, թե վատ ես երգում, պարզապես ձայնակցիր մեզ։
 
— Համաձայն եմ,— ասաց Ջոն։— Ես ուզում եմ երգել։
 
Մարկուսը սկսեց նվագել հինավուրց սաղմոսը, իսկ Թոբին սկսեց երգել.
 
''Ինչ ցնծություն, եղբայրություն,''
 
''Թևերդ, տեր, մեզ ապավեն,''
 
''Ինչ օրհնությո՜ւն, խաղաղություն.''
 
''Թևերդ, տեր, մեզ ապավեն։''
 
Թեև ոչ երաժշտական, բայց ուժեղ և բոլոր դեպքերում հաճելի ձայնով, Ջոն սկսեց Թոբիի հետ երգել։ Եվ շուտով բոլորը սկսեցին լսել։ Քիչ հետո զինվորները շրջապատեցին Մարկուսին, Թոբիին ու Ջոյին, որպեսզի ավելի մոտիկից լսեն այդ հին և հրաշալի սաղմոսի երաժշտությունը և խոսքերը։ Ջոն և Թոբին երգեցին.
 
''Հաղթ թևերդ, մեզ ապավեն,''
 
''Թող մեզ փրկի ամեն ահեն.''
 
''Թևերդ, տեր, մեզ ապավեն,''
 
''Լինեն ամուր, հավերժական։''
 
Այժմ արդեն բոլորը միասին էին երգում. թե նրանք և թե նրանց շուրջ հավաքված մարդիկ։
 
 
==Գլուխ երեսուներեքերորդ. ՄԱՐԿՈՒՍԻ ՆԱՄԱԿԸ ԻՐ ԵՂԲԱՅՐ ՀՈՄԵՐԻՆ==
Ա
յդ շաբաթ օրը Հոմեր Մաքոլիի կյանքում ամենաերկար ու արկածալից օրը եղավ։ Նույնիսկ աննշան բաները սկսեցին նոր կարևորություն ու նշանակություն ստանալ, և նա սկսեց հասկանալ դրանց իմաստը։ Անցյալ գիշերվա ահավոր ու հուզումնալի քունը պատճառ դարձավ, որ ամեն բանի հանդեպ նա այսուհետև միշտ արթուն լինի։ Ամբողջ ուժով նա փորձել էր մահվան համբավաբերին հեռու վանել Իթաքայից և նրա ժողովրդից։ Այդպես էր եղել կյանքում, իսկ այժմ դա այլևս երազ չէր։
 
Մարկուս եղբոր չբացված նամակը իր մոտ էր, որը հարկավոր էր կարդալ։
 
Նա հեռագրատուն եկավ կաղալով. հոգնած էր ու հանգստի կարոտ։ Նայեց դարակին, ոչ մի տեղից պատվեր չկար։ Նայեց ստացված հեռագրերի դարակին, բաժանելու հեռագիր չկար։ Գործը ավարտված էր։ Ամեն ինչ մաքուր էր։ Նա մոտեցավ ծեր հեռագրիչին և ասաց.
 
— Միստր Գրոգան, կուզեի՞ք ինձ հետ հնդկընկույզից և խնձորից պատրաստված կարկանդակ ուտել։
 
Ծերունի հեռագրիչը, որ արդեն կիսով չափ հարբած էր, ասաց.
 
— Գնելուն կմասնակցեմ, մանչուկ, բայց կարկանդակ չեմ ուտի։ Շնորհակալություն։
 
— Եթե դուք կարկանդակ չեք ուզում, միստր Գրոգան,— ասաց Հոմերը,— ես էլ չեմ ուզում։ Ինձ թվաց, որ դուք քաղցած եք։ Ես բոլորովին էլ քաղցած չեմ։ Ամբողջ օրը վազվզել եմ, բայց քաղցած չեմ։ Տարօրինակ է։ Թվում է, որ ամբողջ օրը, գիշեր֊ցերեկ աշխատելով, մարդ պետք է քաղց զգա, բայց այդպես չէ։ Երեկոյան ժամը վեցին մի պնակ ձավարի ապուր եմ կերել, այդ է ամբողջը։
 
— Ոտքդ ինչպե՞ս է,— հարցրեց Գրոգանը։
 
— Ոչինչ,— պատասխանեց Հոմերը,— այդ մասին ես նույնիսկ մոռացել եմ։ Լավ եմ քայլում։— Նա հարցական նայեց ծեր հեռագրիչին և շատ քնքշությամբ ասաց.— Հարբա՞ծ եք, միստր Գրոգան։— Այնպիսի անկեղծությաբ նա տվեց այդ հարցը, որ ծերուկը չվիրավորվեց։
 
— Այո, խմած եմ, մանչուկ,— ասաց միստր Գրոգանը։ Նա դեպի իր աթոռը գնաց և նստեց։ Մի վայրկյան հետո նայեց տղային, որը ոտքի վրա էր։
 
— Ես ինձ ավելի լավ եմ զգում, երբ խմած եմ,— ասաց ծեր հեռագրիչը։— Ապա շիշը հանեց և մի մեծ կամ խմեց։— Մարդիկ խորհուրդ են տալիս՝ «Երբեք մի խմիր»։ Դու դա ինձնից չես լսի։ Ծեր հիմարի նման չեմ ասի. «Ինձնից դաս վերցրու, տես, թե խմիչքը ինձ ինչի է հասցրել»։ Դատարկաբանություն է։ Դու այժմ շրջում և շատ բաներ ես տեսնում, բազմաթիվ բաներ, որ երբեք չէիր տեսել։ Ուրեմն, թույլ տուր քեզ մի բան ասել. մարդկանց վերաբերվող գործերում դու շատ զգույշ եղիր։ Եթե նույնիսկ քո աչքերով տեսնես, որ մեկը վատ է վարվում, վստահ մի եղիր, որ դու անպայման ճիշտ ես։ Մարդկանց հանդեպ շատ զգույշ եղիր։ Ներիր ինձ, բայց պետք է ասեմ քեզ, որովհետև դու մի մարդ ես, որին ես հարգում եմ։ Ուրեմն ասում եմ. հիմարություն է մարդկանց քննադատել նրա համար, որ նրանք այնպիսին են, ինչպիսին որ կան։ Ես բոլորովին չգիտեմ, թե ով ես դու, որտեղից ես գալիս, ինչպես եկար, ինչը քեզ այդպես դարձրեց, բայց ուրախ եմ, որ այդպես է, և դու ինձ դուր ես գալիս։ Ինչքան մարդը մոտենում է իր կյանքի վախճանին, այնքան նա իրեն ավելի ու ավելի երախտապարտ է զգում լավ մարդկանց նկատմամբ, որոնք կյանքը պիտի շարունակեն իրենից հետո։ Այս բոլորը կարող էի չասել քեզ, եթե խմած չլինեի։ Ուրեմն, միայն դա բավարար ապացույց է, որ սխալ է մարդու արածների մասին վատ կարծիք կազմելը, թեկուզ ուրիշների կարծիքով դրանք ճիշտ չլինեն։ Ինձ համար շատ կարևոր է ասել քեզ բոլոր այս բաները, իսկ քեզ համար՝ շատ կարևոր է դրանք իմանալը։ Ուրեմն լավ է, որ խմած եմ և ասում եմ։ Հասկանո՞ւմ ես, թե ինչ եմ ասում։
 
— Ոչ այնքան, միստր Գրոգան,— պատասխանեց Հոմերը։
 
— Իմ խոսքերից մի ճնշվիր,— ասաց ծեր հեռագրիչը,— եթե հարբած չլինեի, չէի կարող քեզ այս ամենը ասել, ուրեմն շնորհակալ եղիր քեզնից, որ դու այդպիսին ես։ Այո, ինքդ քեզ երախտապարտ եղիր։ Հասկացիր, որ մարդը պետք է շնորհակալ լինի այն իրողության համար, որ ինքը այքն է, ինչ որ է, որովհետև, եթե նա բարի է, իր բարությունը միայն իրենը չէ, այն նաև իմն է, ուրիշինը։ Այդ բարությունը նրանն է միայն այնքանով և նրա համար, որ պահպանի այն ու տարածի ամենուրեք՝ թե ինձ և թե աշխարհում ապրող բոլոր մարդկանց համար։ Դու ունես այդ բարությունը, դրա համար շնորհակալ եղիր։ Վաղ թե ուշ այն կգնահատվի բոլորի կողմից։ Մարդիկ երախտապարտ կլինեն քեզ դրա համար։
 
Չգիտես մտքի ինչ զուգորդությամբ, Հոմերը հանկարծ հիշեց Բեթհել հյուրասենյակների աղջկան և իր հետ խոսելու նրա ձևը։ Ծերունի հեռագրիչը շարունակեց.
 
— Նրանք կզգան, որ դու չես դավաճանի, չես վիրավորի իրենց։ Նրանք կզգան, որ դու չես արհամարհի իրենց, եթե նույնիսկ ամբողջ աչխարհը արհամարհի։ Նրանք կզգան, որ դու իրենց մեջ տեսար այն, ինչ ամբողջ աշխարհը չուզեց տեսնել։ Դու այդ պետք է գիտակցես։ Դու դրանից չպետք է ճնշվես։ Դու արդեն մեծ մարդ ես, տասնչորս տարեկան ես, հայտնի չէ, թե ո՞վ քեզ մեծ դարձրեց, բայց քանի որ դու իսկապես մեծ ես, գիտակցիր ուրեմն այդ և խոնարհ եղիր, պաշտպանիր այդ մեծությունը։ Հասկանո՞ւմ ես։
 
Ցրիչը շատ էր շփոթվել և դժվարությամբ պատասխանեց.
 
— Երևի այդպես է, միստր Գրոգան։
 
Ծեր հեռագրիչը շարունակեց.
 
— Ուրեմն՝ շնորհակալություն։ Ես քեզ դիտել եմ թե սթափ և թե հարբած այստեղ գալուցդ ի վեր, անկախ նրանից՝ սթափ եմ եղել, թե հարբած, ես քեզ ճանաչել եմ։ Ես աշխատել եմ աշխարհի տարբեր քաղաքներում։ Երիտասարդ ժամանակ ուզեցի շատ քաղաքներ շրջել և շրջեցի։ Ամբողջ կյանքումս, որտեղ որ գնացել եմ, շարունակ քեզ եմ փնտրել և գտել եմ հեռավոր ու խուլ վայրերում, անծանոթ, խոնարհ մարդկանց մեջ։ Իմ հանդիպած յուրաքանչյուր մարդու մեջ քեզնից մի մաս եմ գտել, բայց այդ ինձ չէր գոհացնում։ Եվ ահա, Իթաքայում, իմ տունդարձի ճամփին, գտա քեզ և դու ավելի լավն ես, ավելի մեծ, քան մինչ այդ իմ տեսած բոլոր մարդիկ։ Եթե դու հասկանում ես իմ ասածները, շնորհակալություն։ Այդ ի՞նչ ես բռնել, նամա՞կ է։ Ես ավարտեցի, դե, կարդա նամակդ, մանչուկ։
 
— Իմ եղբայր Մարկուսն է ուղարկել,— ասաց Հոմերը,— բաց անելու ժամանակ չեմ ունեցել։
 
— Ուրեմն բաց արա,— ասաց ծեր հեռագրիչը,— կարդա եղբորդ նամակը։ Բարձր կարդա։
 
— Դուք կցանկանա՞ք լսել, միստր Գրոգան,— ասաց Հոմերը։
 
— Այո, եթե կարելի է, նույնիսկ շատ ուրախ կլինեմ,— ասաց ծեր հեռագրիչը և նորից մի կում խմեց։
 
Հոմեր Մաքոլին պատռեց ծրարը, նամակը հանեց, բացեց և սկսեց կարդալ շատ դանդաղ։
 
 
«Սիրելի Հոմեր,— կարդաց նա,— նախ և առաջ, ինչ որ տանը ունեմ, բոլորը քոնն են, իսկ երբ դրանց կարիքը այլևս չես զգա, կարող ես Յուլիսիսին տալ՝ իմ գրքերը, պատեֆոնը, սկավառակները, հագուստները, եթե դրանք քեզ վրա լինեն, հեծանիվը, մանրադիտակը, ձկնորսության գործիքները, Պիեդրայից բերած քարերի հավաքածուն և, վերջապես, մնացած իմ բոլոր իրերը։ Դրանք ավելի շուտ քոնն են, քան Բեսինը, քանի որ այժմ Իթաքայի Մաքոլի ընտանիքի տղամարդը դու ես։ Անցյալ տարվա շահած փողս մայրիկին եմ տվել, որ մի քիչ թեթևացրած լինեմ նրա բեռը։ Բայց այդ քիչ է, և շուտով մայրիկն ու Բեսը պիտի մտածեն աշխատելու մասին։ Ես իրավունք չունեմ քեզ ասելու, որ չթողնես նրանց աշխատել, սակայն հուսով եմ, որ դու չես թողնի։ Ես համոզված եմ, որ չես թողնի, որովհետև գիտեմ, որ ես ինքս չէի թողնի։ Մայրիկը, անշուշտ, պիտի ուզենա աշխատել, նույնպես և Բեսը, բայց դա հենց պատճառ է, որ չթողնես։ Ես չգիտեմ, թե դու ինչպես պիտի կարողանաս պահել մեր ընտանիքը և միաժամանակ դպրոց գնալ, բայց հավատում եմ, որ դու միջոց կգտնես։ Բանակում ինձ հասնող վարձը ուղարկում եմ մայրիկին, բացի մի քանի դոլարից, որն ինձ անհրաժեշտ է։ Բայց այդ փողն էլ բավարար չէ։ Հեշտ չէ ինձ համար քեզնից այդքան շատ բան պահանջելը, քանի որ ես ինքս մինչև տասնինը տարեկանը աշխատել չէի սկսել, բայց չգիտեմ ինչու, հավատում եմ, որ դու կկարողանաս անել այն, ինչ ես չկարողացա։
 
Իհարկե, կարոտում եմ քեզ և միշտ քո մասին եմ մտածում։ Երջանիկ եմ, ու թեև երբեք չեմ հավատացել պատերազմների, և գիտեմ, որ անհրաժեշտության դեպքում էլ դրանք հիմարության են, բայց հպարտ եմ, որ ծառայում եմ իմ հայրենիքին, իսկ իմ հայրենիքը Իթաքան է, մեր տունը և բոլոր Մաքոլիները։ Իմ թշնամին մարդը չէ, որովհետև ոչ մի մարդկային էակ չի կարող իմ թշնամին լինել։ Ով էլ որ լինի այդ մարդը, ինչ գույն էլ ունենա, ինչքան էլ սխալված լինի իր համոզմունքներում, նա իմ ընկերն է, ոչ թե թշնամին։ Իմ պայքարը մարդու, դեմ չէ, այլ նրա մեջ եղած այն գազանի դեմ, որը առաջին հերթին ուզում եմ իմ մեջ ոչնչացնել։
 
Ես ինձ հերոս չեմ զգում։ Այդպիսի բաների ընդունակ չեմ։ Ոչ ոքի չեմ ատում։ Նույնիսկ հայրենասեր էլ չեմ դարձել, որովհետև միշտ սիրել եմ իմ երկիրը, իմ ժողովուրդը, իմ քաղաքը, իմ տունը և իմ ընտանիքը։ Ես, իհարկե, կուզենայի բանակում չլինել, կուզենայի, որ պատերազմ չլիներ, բայց քանի որ բանակում եմ և քանի որ պատերազմ է, վճռել եմ լինել լավագույն զինվորը։ Չգիտեմ, ինչ է ինձ սպասում, բայց, ինչ էլ լինի, ես պատրաստ եմ խոնարհաբար ընդունել այն։ Սարսափելի վախենում եմ, այդ մեկը քեզ պետք է խոստովանեմ, բայց երբ ժամանակը գա, ես կանեմ այն, ինչ սպասվում է ինձնից և գուցե նույնիսկ ավելին։ Ուզում եմ իմանաս, որ ես ոչ մի հրամանի չեմ ենթարկվելու, բացի իմ խղճի հրամանից։ Ինձ հետ տղաներ կան ամբողջ Ամերիկայից, Իթաքայի նման հազարավոր քաղաքներից։ Կարող է պատահել, որ այս պատերազմում սպանվեմ։ Ես պետք է այդ բանը համարձակորեն ասեմ քեզ։ Իհարկե, բոլորովին չէի ուզենա։ Աշխարհում ամեն ինչից ավելի ուզում եմ վերադառնալ Իթաքա և երկար տարիներ անցկացնել քեզ հետ, իմ մոր, քրոջ և եղբոր հետ։ Ուզում եմ Մերիի մոտ վերադառնալ և ընտանիք կազմել։ Հավանական է, շուտով մեկնենք ռազմաճակատ։ Ոչ ոք չգիտի, թե ուր, բայց բոլորս էլ գիտենք, որ շուտով կմեկնենք։ Ուրեմն, կարող է պատահել, որ երկար ժամանակ ինձնից նամակ չստանաք։ Հույս ունեմ, որ այս նամակը վերջինը չի լինի։ Իսկ եթե այդպես լինի, մի հավատա, որ ես չկամ։ Մի թող, որ մյուսներն էլ հավատան։ Այստեղ ես մի ընկեր ունեմ, որբ է, ընկեցիկ մի տղա, և տարօրինակ է, որ այստեղի բոլոր տղաներից նա դարձավ իմ հարազաատ ընկերը։ Նրա անունը Թոբի Ջորջ է։ Նրան պատմել եմ Իթաքայի և մեր ընտանիքի մասին։ Մի օր նրան ինձ հետ Իթաքա կբերեմ։ Երբ այս նամակը կարդաս, մի տխրիր։ Ուրախ եմ, որ ես եմ այն Մաքոլին, որը մասնակցում է պատերազմին, անարդար ու ցավալի կլիներ, եթե դու լինեիր։
 
Նամակում ես կարող եմ ասել այն, ինչը երբեք չէի կարողանա արտահայտել բառերով։ Դու Մաքոլիների լավագույնն ես։ Դու պետք է շարունակես լավագույնը մնալ։ Ոչինչ չպետք է քեզ խանգարի։ Հիմա դու տասնչորս տարեկան ես, բայց պետք է ապրես մինչև քսան, հետո՝ երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն։ Դու պետք է հավիտյան ապրես։ Եվ վստահ եմ, որ կապրես։ Հեռվից միշտ պիտի հսկեմ քեզ։ Դու այն ես, ինչի համար կռվում ենք մենք։ Այո, դու, իմ եղբայրը։ Ինչպե՞ս կարող էի այսպիսի բաներ ասել քեզ, եթե միասին լինեինք։ Դու կնետվեիր ինձ վրա, կկռվեիր հետս և ինձ հիմար կանվանեիր։ Բայց, հակառակ դրան, ինչ որ ասացի, ճշմարիտ է։ Այժմ ես քո անունը նորից պիտի գրեմ այստեղ, որպեսզի միշտ հիշես. Հոմեր Մաքոլի։ Ահա թե ով ես դու։ Ես քեզ շատ եմ կարոտում։ Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ քեզ նորից կտեսնեմ։ Երբ այդ օրը գա, երբ մենք նորից իրար հանդիպենք, պիտի թողնեմ, որ ինձ կռնակի վրա պառկեցնես մայրիկի, Բեսի ու Յուլիսիսի ներկայությամբ, գուցե նույնիսկ Մերիի ներկայությամբ։ Պիտի թողնեմ, որ այդպես անես, որովհետև անչափ պիտի ուրախանամ քեզ նորից տեսնելու համար։ Աստված օրհնի քեզ։ Ցտեսություն։
 
Քո եղբայր ''Մարկուս''»
 
 
Կարդալով նամակը, ցրիչը նստեց։ Նա շատ դանդաղ կարդաց, ժամանակ առ ժամանակ լացը կուլ տալով և վատ զգալով, ինչպես առաջին անգամ վատ էր զգացել մեքսիկացի կնոջ տանը և այն գիշերը, երբ լաց էր եղել աշխատանքից հետո Իթաքայի շուրջը հեծանիվով շրջելիս։ Նա կծեց շրթունքը և շեշտակի նայեց ծեր հեռագրիչին, որը խորապես հուզված էր։ Տղան շատ մեղմ խոսեց։
 
— Եթե իմ եղբայրը սպանվի այս հիմար պատերազմում,— ասաց նա,— ես կթքեմ աշխարհի վրա։ Առհավետ կատեմ։ Բարի չեմ լինի, բոլորից չարը կլինեմ, ամենաչար մարդը, որ երբևէ ծնվել է։
 
Նրա ձայնը հանկարծ խզվեց, և աչքերը արցունքով լցվեցին։ Նա վազեց դեպի հանդերձակալը, հանեց համազգեստը, հագավ պիջակը և գրասենյակից դուրս վազեց։
 
Ծեր հեռագրիչը երկար անշարժ մնաց։ Սենյակում շատ խաղաղ էր։ Ի վերջո, նա մեկնեց ձեռքը, դատարկեց շշի մնացորդը, վեր կացավ և նայեց շուրջը։
2
edits