«Իմ առաջին գրական փորձը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Տիկին Ուիլեամսը եւ կայծակը |հեղինակ = Մարկ Տուէն |աղբյուր = «Զւա...»:)
(Տարբերություն չկա)

18:54, 18 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ

Տիկին Ուիլեամսը եւ կայծակը

հեղինակ՝ Մարկ Տուէն
աղբյուր՝ «Զւարճալի պատմւածքներ»

Ես տասներեք տարեկան հասակումս մի սրամիտ տղայ էի եւ մինչեւ անգամ աչքի ընկնող սրամիտ․ գոնէ ես այդ կարծիքը ունէի իմ մասին։

Իմ պատանեկութեան այդ վաղ ժամանակում ես սիրտ արի առաջին տպրադրութեան տալ իմ գրւածքը, որ բոլորովին անսպասելի կերպով մեծ աղմուկ գցեց մեր հասարակութեան շրջանում։ Իմ յօդւածիկով, կարելի է ասել, պարծենում էր մեր հասարակութիւնը, ինչպէս եւ ես ինքս։

Ես, ինչպէս ասում են, լրագրի «չարաճճին» դարձայ եւ այն է մի քաջարի ու փառասէր չարաճճի։

Հօրեղբայրս հրատարակում էր «Հաննիբալեան շաբաթաթերթ» անունով մի լրագիր, որ արժէր տարին երկու դօլլար, նշանակել էր վճարը կանխիկ, ունէր հինգ հարիւր բաժանորդ, որոնք լրագրի վճարը փոխարինում էին վառելափայտով, կաղամբով եւ փչացած շաղգամով։

Եւ ահա ամառւայ մի գեղեցիկ օր՝ հօրեղբայրս, ստիպւած լինելով մի շաբաթով հեռանալ քաղաքից, հարցրեց ինձ՝ կարող եմ ես արդե՞օք նորա բացակայութեան միջոցին՝ յանձն առնել նորա լրագրի խմբագրութիւնը։

Ի՞նչ ասել կʼուզի։ Ո՞վ չի ցանկանայ իւր ոյժերը փորձել։ Ի հարկէ ամենամեծ պատրաստակամութեամբ ընդունեցի։ Եւ ահա ինչ բանից ես սկսեցի։

Մի պարոն Խ*, այդ ժամանակ խմբագիր էր մի ուրիշ լրագրի, որ հօրեղբօրս լրագրի հակառակորդն էրներկայանում։ Պարոն Խ*֊ը հէնց այդ ժամանակ ները խաբւած էր մի կնոջից, որին նա սիրել էր։ Խ․֊ի բարեկամը մի երեկոյ գալիս է նորա մօտ, նորան տանը չէ գտնում, իսկ մահճակալի վերայ տեսնում է Խ․֊ի ձեռքով գրած բաց նամակ, որով յայտնում է, որ նա անկարող է այն եւս իւր անյաջող կեանքը շարունակել եւ վճռել է մեռնել՝ խեղդելով իրան Արջագէտում։ Բարեկամը շտապում է իսկոյն դէպի գետը եւ տեսնում է, որ Խ․֊ը ջրի հոնով բարձրանում է դէպի ափը։ Դուրս է գալիս, որ նա միտքը փոխել է… Քաղաքումը մի քանի օր հէնց այդ անցքի մասին էր բոլորի խօսքը։ Բայց Խ․֊ը չը գիտէր թէ ինքը խօսակցութեան առարկայ էր։

Այս անցքը ինձ թւեց շատ իւղալի նիւթ մի սուր յօդւածի համար։ Ես նորանից, թէեւ վատ, բայց մի երկայն պատմւածք շինեցի, որը, ազդեցութիւն գործելու նպատակով, ճոխացրի անճոռնի նկարներով, որոնք դանակով քանդակւած էին փայտի վերայ։ Այդ նկարներից մէկը ներկայացնում էր Խ․֊ին այն րոպէին, երբ նա մտնում է եղել գետը՝ շապկանց եւ լապտերը ձեռքին, գաւազանով ստուգելով ջրի խորութիւնը։ Այդ բանը ինձ շատ զւարճալի թւեց եւ ի հարկէ իմ գլուխը չէր կարող հաշւի առնել այդպիսի պարսաւագրի բարոյական նշանակութիւնը։

Բոլորովին բաւական մնալով իմ սրամտութեան արդիւնքից՝ ես որոնում էի իմ յաղթութիւնների համար ուրիշ առարկաներ, երբ յանկարծ մի լաւ բան եկաւ մտքիս, այն է, որ փորձեմ գրել մի ծաղրական ոտանաւոր, որով մի լաւ կծեմ գիւղական թերթի հրատարակչին, մեղադրելով նորան մի որ եւ է չարած խարդախութեան համար եւ յետոյ տեսնեմ — թէ նա ինչպէս է վեր ու վայր տալիս եւ կատաղում։

Ես մտադրութիւնս իրագործեցի, նմանեցնելով ոտանաւորս յայտնի մի բանաստեղծութեան եւ, ի՞նչ թագցնեմ, «նմանողութիւնը» շատ անյաջող դուրս եկաւ։

Դորանից յետոյ ես ամենակատաղի ակնարկներով խայտառակեցի մեր քաղաքացիներից երկու անւանի մարդու, որոնք իսկն ասած՝ մերկացնելու արժանի ոչինչ չէին արած, բայց ես մտքումս դրել էի հօրեղբօրս լրագիրը՝ որչափ կարելի է՝ կենդանի դարձնելու։

Այնուհետեւ ես մի թեթեւ կոթեցի մեր քաղաքը նոր եկած մի շքասէր ճանապարհորդի, որ կանանց շրջանում մեծ անուն ունէր եւ սրտեր էր գրաւում։ Դա մի անվերջ ժպտացող իմաստակն էր, զիզի֊պիզի հագնւող եւ անսահման իրանով պարծեցող։ Նա իւր արած յաղթութիւնների պատւին եւ յիշատակին յօրինում էր տենդոտ ոտանաւորներ, որ բերում էր մեր թերթում տպագրելու։ Իմ խմբագրութեան միջոցին՝ նա բերաւ մի ոտանաւոր այս վերնագրով «Մարիամը Հ֊ում», որ նշանակում էր՝ Մարիամը Հաննիբալեան թերթում։ Սրբագրութեան ժամանակ կարդալով այդ ոտանաւորը՝ ես տեսայ, որ դա ամենախայտառակ դատարկութեան մի նմուշ է, որ ʼի հարկէ պէտք է ամենեւին չը տպագրէի․ բայց ես նորան հրատարակեցի, աւելացնելով հետեւեալ կծու ծանօթութիւնը։

«Մեք տպագրում ենք այս անմիտ ոտանաւորը վերջինը անգամը․ բայց յայտնում ենք նորա հեղինակ պարոն Գ֊ին, որ միւս անգամ մենք մեզ այս փորձութեան մէջ չենք գձիլ եւ խորհուրդ ենք տալիս, որ նա միւս անգամ, երբ ցանկանալու լինի գործ ունենալ իւր բարեկամուհիների հետ Հ֊ում, ընտրի իւր համար ուրիշ միջնորդ եւ ոչ թէ մեր լրագրի համարները»։

Համարը դուրս եկաւ։ Ես երբէք չէի երեւակայել, որ լրագրական մի այդ տեսակ չնչին բան կարող էր մի այդ տեսակ ուշադրութիւն գրաւող լինել։ Մեր լրագիր պահանջողները յանկարծ բազմացան եւ այնպէս մեծ թւով, որ մինչեւ այդ ժամանակը լսւած չէր։

Բոլոր քաղաքը տակնուվերայ եղաւ։ Վաղ առաւօտը պ․ Խ֊ը մտաւ խմբագրատունը՝ ձեռքին բռնած երկփողանի հրացանը։ Երբ նա ինձ տեսաւ եւ համոզւեց, որ նորան վիրաւորողը ինձ նման մի երեխայ է, միայն ականջներս բռնեց, քաշեց եւ հեռացաւ․ բայց մի եւ նոյն երեկոյեան, ինչպէս իմացանք, նա բնակարանի վճարը տալիս է ու հեռանում առ միշտ մեր քաղաքից։ Ճանապարհորդը, որ իւր մասնագիտութիւնով մի դերձակ էր, եկաւ իւր մկրատով եւ արդնուկով․ բայց նոյնպէս նայեց արհամարհանքով վերաս եւ իսկոյն հեռացաւ մեր քաղաքից։ Միւս երկու անւանի քաղաքացիները եկել էին իմ դէմ դատ բանալու, բայց տեսնելով իմ չնչին մի բան լինելս՝ դուրս փախան կատաղած կերպով։ — Միւս օրը՝ գիւղական թերթի խմբագիրը ներս մտաւ եւ սկսեց անհաշիւ աղաղակել ու բարկանալ, արիւնով վրէժ պահանջելով, սակայն վերջացրեց նորանով, որ բարեսիրտ կերպով ինձ ներեց եւ մինչեւ անգամ ինձ հրաւիրեց մերձակայ դեղատունը, որ իսպառ ջնջենք թշնամական զգացմունքը՝ դարդակելով մի֊մի բաժակ «ճիճու սպանող» դեղից, ինչպէս նա հանաքով ասաց ինձ՝ բաժակը բաժակիս չխկացնելով։

Հօրեղբայրս իւր բացակայութիւնից դառնալով շատ բարկացաւ վերաս եւ ի հարկէ ʼի զուր, որովհետեւ ես լրագրին զարկ էի տւել, նորա մէջ կենդանութիւն փչելով եւ մի եւ նոյն ժամանակ նորան չէի ենթարկել կատաղի մեղադրեալների արիւնարբու հարւածներին…

Բայց երբ հօրեղբայրս նայեց հաշւեմատեանին՝ բարկութիւնը փոխեց գթութեան եւ ժպիտի։ Նա տեսաւ, որ ես աւելացրել եմ բաժանորդների թիւը երեսուն եւ երեքով, որոնք արդէն նաղդ կերպով հատուցել էին բաժանորդագինը ամենայն տեսակի տնային պաշարներով եւ ընդեղէններով, զորօրինակ, փայտով, կաղամբով, բակլով եւ չը ծախւող շողգամով, եւ այս բոլորը այնպիսի մեծ քանակութեամբ, որ կարգին ընտանիք ունեցողին անգամ երկու տարի կարող էր բաւել։