«Նոր քրէական մի բառ»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Փրկարար ձայնը |հեղինակ = Մարկ Տուէն |աղբյուր = «Զւարճալի պատմւած...»:) |
(Տարբերություն չկա)
|
18:46, 4 Նոյեմբերի 2016-ի տարբերակ
հեղինակ՝ Մարկ Տուէն |
Վերջին տասնեակ տարիներում դատաստանական աշխարհը երեւան հանեց խելագարութեան շատ զարմանալի դէպքեր, որոնց մասին առաջ յիշատակւում էր միայն պատմութեան մէջ[1]։
I
Մի այդպիսի դէպք տեղի ունեցաւ, զորօրինակ, սորանից քսան եւ երկու տարի առաջ յանցաւոր Բօլդուինի գործում։
Բօլդուինը երեխայութիւնից սկսած յայտնի էր, իբրեւ չարասիրտ, քինապահ եւ կռւարար մի անձ։ Մի անգամ նա մի տղայի աչքը հանեց եւ այնպէս մարսեց այդ բանը, որ ոչ ոք չէր կասկածիլ անգամ՝ թէ նա երբ եւ իցէ զղջալու հակում ունեցած լինի։ Եւ՞ քանի քանի այդ տեսակ անգութ գործեր էր նա կատարել։
Բայց վերջապէս մի անգամ նա իրան թոյլ տւեց մի արտաքոյ կարգի վարմունք։ Մի օր երեկոյեան, իսկոյն մութն ընկնելուց յետոյ, նա կանգ է առնում մի տան առաջ, զանգահարում է եւ երբ տան տէրը երեւում է դռնամէջ, Բօլդուինը արձակում է նորա վերայ ատրճանակը, նորան վայր գձում եւ պատրաստւում է փախչելու․ բայց իսկոյն բռնւում է։
Դեռ երկու օր այդ դէպքից առաջ, նա իիւր զւարճութեան համար վիրաւորած է եղել մի անդամալոյծի անպատիժ կերպով։
Այս տեսակ անձ էր Բօլդուինը։ Նորա գործը շարունակւում էր երկայն ժամանակ եւ մեծ աղմուկ էր հանում։ Բոլոր համայնքը սաստիկ զայրացած էր Բօլդուինի վերայ։ Շատերը ասում էին, որ բաւական է, որչափ այդ խստասիրտ եւ անողոք չարագործը վիշտ է պատճառել իւր կեանքի ընթացքում, այժմ նա պէտք է օրէնքի առաջ պատասխանի եւ պատժւի։
Բայց այդ ասողները սխալւել էին։
Դուրս եկաւ, որ Բօլդուինը իւր յանցանքը գործելու ժամանակը խելագար դրութեան մէջ է եղել։ Արդարացնելու հնարը գտնւած էր։
Պաշտպանը աշխատում էր ապացուցանել, որ Բօլդուինը սպանութեան օրւայ առաւօտեան ինն եւ կէս ժամին խելագարւել էր եւ այդ դրութեան մէջ մնացել ճիշդ տասն եւ մէկ ժամ ու կէս։
Այս հանգամանքը մեղմացրեց գործած յանցանքը եւ հերոսը հրատարակւեց արդարացրած։
Ուրեմն, եթէ դատասնատը, դիցուք, ուշադիր եղած լինէր գրգուած գտէտ համայնքի ձայնին, նա պէտք է սխալմամբ սոսկալի պատժի ենթարկած լինէր մի խեղճ մարդու, որ միայն կարճատեւ խելագարութիւն է ստացած եղել։
Բօլդուինը դուրս եկաւ դատաստանից մաքուր, ինչպէս աղաւնի։ Եւ թէեւ ազգականները եւ ծանօթները ըստ պարտականութեան բարկացել էին համայնքի վերայ, սորա կասկածների եւ կարծիքների պատճառով, այնու ամենայնիւ բանը քնացրին, իրանց բարկութիւնը տեղ չը հասցրին եւ համայնքը չհ հալածեցին։
Բօլդուինների ազգը շատ ունեւոր եւ հարուստ էր։
Այս դէպքից յետոյ երկու անգամ էլ կրկնւեց Բօլդուինի խելագարութիւնը եւ երկու անգամումն էլ նա սպանեց այնսպիսի մարդկանց, որոնց հետ քէն էր ունեցել։ Իւրաքանչիւր դէպքում սպանութեան կից պարագաները այնպէս ծանրացնում էին մեղը եւ եղեռնագործութիւնը կատարւել էր այնպիսի անգութ եւ նենգ կերպով, որ եթէ Բօլդուինի խելագարութեանանունը չը լինէր, նորան կախած պէտք է լինէին առանց այլեւայլութեան։
Այն էլ սակայն ասենք, որ այդ արդարանալը շատ էլ հեշտ գլուխ չʼեկաւ։ Առաջին յանցանքից ազատւելու համար հարկաւոր եղաւ նորա հասարակական եւ տոհմական դիրքի ազդեցութիւնը, իսկ երկրորդի համար — պահանջւեց նաեւ ո՛չ պակաս, քան տասն հազար դօլլար փող։
Ասում են, որ սպանւածներից մէկին Բօլդուինը դեռ տասներկու տարի սորանից առաջ սպառնացած է եղել մեռցնելու։ Տեսէ՛ք հիմի բանը։ Այնպէս է պատահում, որ այն խեղճը անցնում է եղել խուլ փողոցով հէնց այն րոպէին, երբ Բօլդուինի խելագարութիւնը բռնած է եղել եւ թշւառը ստանում է գնդակի հարւած մէջքի կողմից եւ ընկնում։
II
Յիշենք նոյնպէս Հակետի գործը։
Հակետը երկու անգամ հրապարակապէս յարձակւել էր գաւազանով գերմանացի մսագործի վերայ եւ երկու անգամ էլ լաւ ծեծ էր կերել մսագործից։
Հակետը փառասէր, հարուստ եւ լիրբ մի մարդ էր, որ չափազանց պարծենում էր իւր ծագումով եւ տոհմով եւ երեւակայում էր թէ շրջապատողները պէտք է նորա հարստութեան առաջ գլուխ խոնարհեն։
Նա ամբողջ երկու շաբաթ հնարներ էր որոնում մսագործից իւր վրէժը հանելու եւ ահա մի օր, յանկարծակի խելագարւելով, զինւում է ոտքից մինչեւ գլուխ, գնում է քաղաք եւ սպասում է փողոցներում մի քանի ժամ մինչեւ պատահում է մսագործին, որ հանգիստ ու հանդարտ անցնելիս է լինում իւր կնոջ հետ թեւ թեւի տւած։ Այն ժամանակ Հակետը թագ է կենում մի դռան ետեւ եւ երբ զոյգը մօտենում է, նա դանակը խրում է մսագործի կոկորդը եւ իսկոյն սպանում։ Կինը բռնում է ընկնող մարմինը եւ գետին դնում։
Հակետը նայում է այրիացած թշւառ կնոջը եւ կատակի ձեւով ասում, որ ինքը այնքան ճարպիկ եւ վարպետ կերպով է հարւած տւել, որ այրին կարող է, եթէ ուզենայ, երկրորդ ամուսնութեան մասին ազատ հոգալ։
Այս եղելութիւնից յետոյ Հակետը իւր մի բարեկամին պատահելուց ասել է, թէ իւր հասարակական դիրքը՝ համեմատած աննշան մսագործինի հետ՝ կարող էր մի այդ տեսակ անսպասելի վարմունք առաջ բերել։ Վերջին երկու հանգամանքը, այսինքն մսագործի կնոջը ասածը եւ այդ բարեկամին հաղորդածը, ընդունել էին դատաստանի ժամանակ իբրեւ խելագարութեան ապացոյցներ եւ Հակետը այդպիսով ազատւել էր պատժից։ Առաջ երդւեալները չեն ուզում եղել այս ապացոյցները բաւականաչափ համոզիչ համարելու, որովհետեւ յանցաւորը սպանելուց առաջ խելագար չէ եղել երբէք եւ սպանութիւնից յետոյ էլ իսկոյն խելքը գլխին է եղել, ինչպէս միշտ։ Բայց երբ փաստաբանը յայտնում է, որ Հակետի հօրեղբօր որդին խելագար է եղել եւ որ ինչ զարմանալին է, ունեցել է Հակետի քթին շատ նման մի քիթ, պարզւում է, որ Հակետին խելագարութիւնը բնականաբար կարող էր այցելել։ Եւ նորան արդարացնում են։
Դեռ բանը որտեղ է հասնում, որ Հակետի կնոջ բարեկամները իրանց վիրաւորւած են զգում այս դէպքից։
Անկարելի է, սակայն, հաղորդել խելագարութեան այն զարմանալի դէպքերը, որ վերջին երեսուն քառասուն տարիներում զբաղեցրել է հասարակութեան ուշադրութիւնը։
III
Այժմ պատմենք մի քանի ուրիշ տեսակ դէպքեր էլ։
Երեք տարի առաջ, զօրօրինակ, քննւում էր Ջիւրջինի գործը, որ կայացած էր հետեւեալում։ Ջիւրջին անունով մի աղախին մի խուլ եւ մութ գիշեր մտնում է իւր տիկնոջ ննջարանը եւ դանակով մաս մաս է անում խեղճ կնոջը։ Յետոյ մարմինը քաշ է տալիս սենեակի մէջ տեղը, ոտով կոխոտում, աթոռներով ծեծում եւ ամեն կերպ ջարդում։ Յետոյ չարագործը պատռում է մի փափուկ բարձ, միջի փետուրը դուրս թափում սենեակի մէջը, վերան ածում նաւթ եւ վառում, որպէս զի իւր յանցանքի հետքը ծածկի։
Յետոյ վեր է առնում սպանւած տիկնոջ փոքր երեխային իւր արիւնաթաթախ ձեռքերը եւ, դուրս գալով տանից, վազում է ոտաբոբիկ ձիւնի վերայով մի հեռու ծանօթի տուն եւ այնտեղ հնարում է մի անհաւատալի, անմիտ պատմութիւն, իբր թէ օտար մարդիկ եկել են նորա տիկնոջ տունը եւ կրակ տւել։ Յետոյ սկսում է աղեկտուր լաց լինել եւ չը մտածելով, որ նորա ձեռքերի եւ շորերի վերայ եղած արիւնը կարող է կասկած յարուցանել, անզգուշաբար ակնարկներ է անում, որ նա երկիւղ է կրում, թէ մի գուցէ այն մարդիկը սպանած լինեն նորա տիկնոջը։
Շատ հարց ու փորձերից, աղախնի սեփական ցուցումներից եւ վկաների տւած տեղեկութիւններից բոլորովին պարզ կերպով հաստատւում է, որ տիկինը միշտ բարի է եղել դէպի իւր աղախինը եւ որ սպանութեան գործում ոչ մի վրէժի նշոյլ անգամ չէ եղել․ նոյնպէս պարզւում է, որ աղախինը ոչ մի բան չէ վեր առել կրակ տւած տնից, մինչեւ անգամ ինքը առանց կօշիկի է դուրս պրծել, այնպէս որ կողոպտելու էլ մտադրութիւն չէ ունեցել։
Ընթերցողը այժմ երեւի մտածում է՝ թէ այստեղ արժէն անկասկած խելագարութեան դէպք է։ Բայց հէնց այս անգամ նա կը սխալւի։
Յանցաւոր աղախնի պաշտպանութեան համար ոչ ոք ծպտուն չը հանեց, խելագարութեան անունը չը յիշեց։ Դատաստանը որոշեց խիստ պատիժ։ Չէ գտնւեց մէկը, որ նահանգապետին դիմէր՝ պատիժը թեթեւացնելու համար եւ յանցաւորը կախւեց իսկոյն։
IV
Մի քանի տարի սորանից առաջ հրատարակւած էր լրագիրներում մի պատանու բերանից քաղած հետաքրքրաշարժ մի խոստովանութիւն։ Սկզբից մինչեւ վերջը այդ խոստովանութիւնը մի անկապ, խառնփնթոր ցնորաբանութիւն էր։ ինչպէս եւ նորա այն երկայն ճառը, որ արտասանել էր կառափնատեղում՝ կախւելուց առաջ։
Այդ պատանին բոլորովին անբացատրելի պատճառով որոնում է եղել այնպիսի մի հնար, որ տգեղացնի մի ջահիլ աղջկայ երես, որ ոչ ոք չը ցանկանայ նորա հետ պսակւել։ Ինքը սիրում չէ եղել աղջկան եւ մտադիր չէ եղել հետը պսակւելու․ բայց եւ չէ ցանկացել թոյլ տալու, որ մի ուրիշը պսակւի։
Նա չի համաձայնում եղել աղջկայ հետ մի որ եւ է տեղ գնալ զբօսնելու, բայց եւ ոչ ոքի էլ թոյլ չի տալիս եղել օրիորդին ուղեկցելու։
Մի անգամ պատանին հրաժարւում է այդ աղջկայ հետ հարսանիք գնալուց․ բայց երբ տեսնում է, որ աղջիկը մի ուրիշ երիտասարդի հետ գնացել է, ինքն էլ գնում է եւ ճանապարհին սպասում է, որ պատահի դոցա կառքին եւ կամ աղջկան ստիպի յետ դառնալ կամ թէ նորա ուղեկցին սպանի տեղն ու տեղը։
Աղջկայ երեսը տգեղացնելու միտքը ամբողջ տարի նորան հալածում է եղել։ Եւ վերջապէս նա սկսում է իրագործել եւ յաջողեցնում է իւր մտադրութիւնը։
Մի անգամ, երբ աղջիկը նստած է լինում ընթրիքի իւր ծնողների, եղբայրների եւ քոյրերի հետ, չարագործը մտադրւում է այնպէս խփել ատրճանակը, որ չը վնասելով առողջութեան՝ խազխզի փոքր ինչ թուշը եւ տգեղացնի դէմքը․ բայց դժբաղդաբար գնդակը մի քիչ թեքւում է եւ աղջկան սպանում։
Սպանողը մինչեւ իւր կեանքի վերջին վայրկեանը մեղադրում էր ճակատագրական այն բերմունքը, որ ստիպել էր աղջկան շուռ տալ իւր երեսը հէնց ուղիղ հարւածի ժամանակը։ Եւ մինչեւ վերջն էլ՝ նա համոզւած էր, որ աղջկայ մահւան պատճառը ինքը աղջիկն է եղել։
Այս անկասկածելի խելազուրկը կախւեց։
Բայց խելագարութեան խնդիր չը յարուցւեց։
V
Ինչպէս երեւում է՝ խելագարութիւնը աշխարհումս բազմանում է, իսկ յանցանքը անհետանում։ Այժմ՝ էլ սպանողների անուն չենք լսում։
Առաջւայ ժամանակները, եթէ դուք մի մարդ էիք սպանած լինում, կարող էր պատահել, որ ձեր խելքը գլխներիդ չէ եղել․ իսկ այժմ, եթէ դուք լաւ տոհմի զաւակ էք եւ հարուստ, ձեր վարմունքը հէնց ինքը — կը համարւի ապացոյց ձեր խելագար լինելուն։
Նոյնպէս էլ՝ եթէ մի լաւ տոհմի անդամ, որ բարձր հասարակական դիրք ունի, եթէ մի բան գողանայ, նորան պաշտպանող փաստաբանը վերագրում է այդ վարմունքը մոլութեան, առանձին հիւանդոտ սովորութեան կամ ուրիշ խօսքով մի տեսակ խելագարութեան։
Եթէ բարձր դիրք ունեցողին մէկը վատնում է իւր կարողութիւնը անբարոյական վարքով եւ վերջացնոմ է իւր կեանքը թոյնով կամ գնդակով, նորա մասին ասում են, որ նա ենթարկւած է եղել մտաւոր ընդունակութիւնների ժամանակաւոր շեղումին։
Արդե՞օք խելագարութեան վերագրելը չափազանցութեան չէ հասել։ Արդե՞օք նա զէնք չէ դարձել անբարեխիղճների ձեռքին։
Վերջին ժամանակներս ամենայն մի սպանող այնպէս է դուրս բերւում, որ եղեռնագործութիւնը կատարւելուց առաջ՝ իբր թէ նա եղել է խելագարութեան ենթակայ։
Բաւական է, որ յանցաւորը խօսք բաց անի աստղների մասին, իսկոյն վճռում են, որ նա խելագար է։ Եթէ նա լաց եղաւ իւր վիճակի վերայ, բարեկամները գլուխները թափ են տալիս մի տեսակ երկիւղով, որով ուզում են ասել, թէ «բանը վատ է, խելքը կարծես տեղումը չէ»։ Եթէ յանցաւորը սպանութիւնից յետոյ շփոթւած է լինում, կասկածոտ եւ անհանգիստ, նա առանց այլ եւ այլութեան դասւում է խելագարների շարքում։
_________
Իսկն ասած՝ մեզ հարկաւոր են օրէնքներ ոչ թէ յանցանքների դէմ, այլ մի յատուկ օրէնք խելագարութեան դէմ։ Ահա ուր է իսկական չարիքը։- ↑ Տուէնը այստեղ ծաղրում է այն դատերը, երբ յանցաւորներին արդարացնում են խելագարութեան պատրւակով կամ երբ իսկական խելագարութիւնները պատժի են ենթարկւում։