Changes

Հնդկական ժողովրդական հեքիաթներ

Ավելացվել է 11 258 բայտ, 18:13, 12 Մարտի 2017
/* Ժլատ Բալու Շահը */
== Ժլատ Բալու Շահը ==
 
Բալու Շահը ապրում էր Գուջարաթում։ Նա շատ ժլատ էր և ոչ մեկի, նույնիսկ իր համար փող ծախսել չէր սիրում։ Մի օր, ճամփեզրին, արմավենու վրա հասած պտուղներ տեսավ։ Եվ քանի որ արմավ շատ էր սիրում, բերանի ջուրը գնաց։ Բայց ինչպե՞ս հասներ ծառի կատարը։ Ոչ մեկին խնդրել չէր ուզում. փող տալուց խուսափում էր։ Եվ Բալու Շահը որոշեց ինքը բարձրանալ ծառը։
 
Նա առաջներում երբեք արմավենի չէր բարձրացել։ Մի կերպ հասավ կատարը և հենց այն է ուզում էր մի արմավ պոկել, երբ հանկարծ ցած նայեց ու այնպես վախեցավ բարձրությունից, որ սկսեց դողդողալ։ Եվ որովհետև հոգնել էր, ձեռքերը թուլացան։ Նա զգաց, որ հիմա ցած կընկնի։ Եվ, անշուշտ, կմեռնի։ Մարդ չկար, որ օգնության կանչեր, և դիմեց աստծուն։ Խոստացավ, որ ամեն ինչ կանի նրան գոհացնելու համար։ Ու հանդիսավոր երդում տվեց, որ հազար բրահմինի կկերակրի, մենակ թե բարեհաջող ցած իջնի։ Երդումը նրան քաջություն ներշնչեց։
 
Բալու Շահն սկսեց ցած սահել ծառից։ Երբ կեսն արդեն իջել էր, նորից ներքև նայեց։ Այժմ, կարծես, այնքան էլ վտանգավոր չէր, և նա թեթևացած շունչ քաշեց։ Ապա մտածեց, որ երդում տալու համար շատ էր շտապել։ Բրահմինների թիվը, որոնց նա խոստացել էր կերակրել, շա՜տ-շատ էր։ Աստված կբավականանա նաև հինգ հարյուր բրահմինով
 
Նա ավելի ու ավելի էր մոտենում գետնին։ Հիմա արդեն հինգ հարյուրն էլ էր շատ համարում։
 
— Աստված կհասկանա, թե որքան դժվար է ինձ համար հինգ հարյուր աղքատ կերակրելը,— ասաց նա ինքն իրեն։— Լավ կլինի բավարարվել երկու հարյուրով։
 
Եվ այսպես, որքան նա ավելի էր մոտենում գետնին, այնքան ավելի ու ավելի էր նվազում խոստացած թիվը։
 
Իսկ երբ վերջապես ցած իջավ, վերջին անգամ հանդիսավոր երդում տվեց, որ աստծուն գոհացնելու համար կկերակրի մեկ բրահմինի։
 
Այս որոշումն ընդունելուց հետո Բալու Շահը ճանապարհ ընկավ տուն։ Ամբողջ ճանապարհին նա մտքում հաշիվ էր անում, թե ինչքան փող կծախսվի։ Գումարը նրան շատ թվաց, և որոշեց պակասեցնել։ Բայց ինչպե՞ս։ Լավագույն միջոցը, մտածեց նա, որևէ քչակերի տուն հրավիրելն է։ Իսկ որտեղի՞ց գտնել այդպիսի մեկին։ Եվ նա սկսեց զգուշորեն հարցուփորձ անել գյուղում։ Նրան ասացին, որ Ջանգի Դազ անունով մի քչակեր բրահմին կա։ Ջանգի Դազը, որ խելացի ու հնարամիտ մարդ էր, լսել էր Բալու Շահի մասին և պատրաստակամորեն ընդունեց հրավերը։
 
Բալու Շահը կնոջը պատմեց իր երդումի մասին և ասաց, թե արդեն մեկին տուն է կանչել, որ կերակրի։
 
— Աստծուն գոհացնելու համար մենք պետք է կերակրենք նրան, Շամալի,— ասաց նա,— և անենք ինչ որ պահանջվում է։ Բայց հիշիր, պետք է աշխատենք քիչ փող ծախսել։
 
Պատահեց այնպես, որ հաջորդ օրը շուկայի օր էր, և Բալու Շահը ստիպված էր շուկա գնալ գործ անելու, որպեսզի հետ բերի աղքատ բրահմինի պատճառած վնասը։ Նա պատվիրեց կնոջը, որ ուշադիր հետևի հյուրին։
 
— Լավ կլիներ, որ ես հսկեի նրան, բայց չեմ կարող, որովհետև ուրիշ կարևոր գործեր ունեմ,— բացատրեց նա։
 
երբ Ջանգի Դազը առավոտ շուտ տեսավ գործի շտապող Բալու Շահին, որոշեց անմիջապես գնալ նրանց տուն, տեսնել, թե ինչն ինչոց է։ Հյուրին այդքան վաղ իրենց տանը տեսնելով՝ Շամալին ապշեց։ Այնուամենայնիվ, քաղաքավարի ընդունեց նրան և առաջարկեց նստել։
 
— Եկեղեցի էի գնում,— բացատրեց Ջանգի Դազը,— տեսա Բալու Շահը ինչ-որ տեղ է շտապում, մտածեցի օգնության կամ խորհրդի կարիք կունենաք, որոշեցի հանդիպել։
 
— Շատ շնորհակալ եմ,— պատասխանեց Շամալին,— ամեն ինչ կլինի, ոնց որ պայմանն է։ Բայց եթե ուզում ես, ինչպես կամենաս, էնպես էլ կանեմ։
 
— Դժվար բան չէ ուզածս,— ասաց հյուրը,— պարզապես պիտի մի կարևոր բան հիշել, չնայած Բալու Շահը երդվել է կերակրել մեկ հոգու, դու պարտավոր ես տասին կերակրել։ Կարծում եմ, գիտես, ինչքան ուտելիք ես տալու։
 
Շամալին թվարկեց իր պատրաստած կերակուրները։
 
— Բարի,— ասաց Ջանգի Դազը,— բայց չէր խանգարի, եթե երեք տեսակ քաղցրավենիք էլ ավելացնեիր Գանափաթի աստծուն գոհացնելու համար։
 
Ապա բրահմինը հրաժեշտ տվեց ու գնաց։
 
Կեսօրվա մոտ Շամալին արդեն պատրաստել էր բոլոր կերակուրները։ Շուտով եկավ հյուրը։
 
— Հուսով եմ, ամեն ինչ պատրաստ է,— ասաց նա։— Ուրեմն, նախ գոհացնենք տնային աստվածներին։
 
Շամալին լամպը վառեց և ուտելիքները դրեց լույսի տակ։
 
Եվ Ջանգի Դազն ասաց.
 
— Երևում է, որ խելացի կին ես։ Ճիշտ մատուցեցիր ուտելիքը։ Բա էն երկու ոսկինե՞րը, որ հյուրասիրության մեջ են մտնում։ Ախր, դա շատ կարևոր է։
 
Շամալին չէր հիշում, որ ամուսինը որևէ բան ասած լիներ ոսկեդրամների մասին։ Բայց քանի որ կարևոր սովորույթ էր, նա չկարողացավ վիճել և ստիպված համաձայնեց։
 
Ջանգի Դազը նստեց ուտելու։ Կերավ, ինչքան որ կարող էր, ապա շորի մի կտոր փռեց, մնացած ուտելիքը լցրեց վրան ու կապեց։ Իր ընտանիքի համար։ Իսկ երկու ոսկիները, որ նվիրաբերվել էին աստվածներին, դրեց քսակը և ասաց.
 
— Ուտելիքը լավն էր, աստված գոհ կլինի քեզնից էլ, Բալու Շահից էլ։ Միայն մի պստիկ բան է մնացել, էդ էլ «դաքշինան» է։
 
Շամալին լավ չհասկացավ, թե խոսքն ինչի մասին է։
 
Ջանգի Դազը բացատրեց.
 
— Երբ կերակրում ես բրահմինին, ճաշը ճաշ չի լինի, եթե ամենաքիչը երկու ոսկի չտաս նրան։ Էդ հո բոլորը գիտեն։ Անկասկած, քեզ նման պարտաճանաչ կինը կիմանա էդ բանը։
 
Խեղճ կինը շատ էր վախենում, որ ամուսինը դժգոհ կլինի, բայց եթե դա կարևոր ու հայտնի սովորույթ էր, ուրեմն պարտավոր էր անել։ Եվ Շամալին երկու ոսկեդրամ ևս տվեց բրահմինին։
 
Վերջապես, Ջանգի Դազը, ամեն ինչից գոհ, վերադարձավ տուն։ Տուն հասնելուն պես կանչեց կնոջն ու ասաց, որ շուտով Բալու Շահը կգա իր հետևից Եվ երևի շատ բարկացած կլինի։ Նա բացատրեց, թե ինչ պիտի անի կինը, երբ նա գա։ Հետո քաշվեց իր սենյակն ու խոր քուն մտավ։
 
Ուշ երեկոյան Բալու Շահը տուն եկավ։ Շամալին պատմեց ամեն ինչ։ Բալու Շահը կատաղեց, մի մեծ փայտ վերցրեց ու վազեց Ջանգի Դազի տունը։
 
Հենց որ բրահմինի կինը տեսավ Բալու Շահին, սկսեց ողբալ ու կուրծք ծեծել։
 
— Ա՛խ դու չարագործ,— գոչեց նա,— էդ ի՞նչ արիր ամուսնուս։ Դու թունավորեցի՛ր նրան, և նա մեռնում է։ Եթե մեռնի, քեզ կբռնեն ու կկախեն։ Միևնույն է, չես ազատվի։ Ա՜խ, եթե ամուսինս մեռնի, ի՞նչ կլինի իմ ու երեխաներիս վիճակը։
 
— Էդպես մի գոռա,— վախեցած աղաչեց Բալու Շահը,— մարդիկ կլսեն։ Ինչո՞ւ բժիշկ չես կանչում։
 
— Բժի՞շկ,— ճչաց կինը։— Իսկ փո՞ղ որտեղից։ Մենք բժշկի փող ունե՞նք։ Տասը ոսկի տուր, և ես հենց հիմա բժիշկ կանչեմ։ Իսկ թե չլավացավ, քեզ անպայման կկախեն։
 
— Ի սեր աստծո,— աղաչեց ժլատը,— սպասիր տուն վազեմ։ Մի մարդ թող գա ինձ հետ, որ տասը ոսկին տամ։ Ամենալավ բժշկին կկանչես։
 
Բալու Շահը իր հետ վերցրեց նրանց որդուն և, ինչքան ոտքերում ուժ կար, վազեց տուն
 
— Ինչո՞ւ ես շտապում, ի՞նչ է պատահել,— հարցրեց կինը։
 
— Պատահել է ամենավատ բանը,— պատասխանեց Բալու Շահը։— Դու թունավորել ես Ջանգի Դազին, և հիմա ինձ կկախեն։
 
Նա արագ բացեց արկղը, տասը ոսկի հանեց ու տվեց տղային.
 
— Շուտ տուն վազիր, ոսկիները տուր մորդ ու ասա, թող ամենալավ բժշկին կանչի։
 
Տղան վերցրեց ոսկիները և վազեց տուն։ Իսկ Բալու Շահը երդվեց, որ հազար ու մեկ բրահմին կկերակրի, եթե ազատվի այդ փորձանքից։
== Յոթ աստղեր ==
9
edits