Բրիում մոտ հարյուր քարե տուն կար, որտեղ ապրում էին մարդիկ: Այդ տները հմնականում կառուցված էին լեռան լանջին՝ ճանապարհի վերևում, պատուհաններով դեպի արևմուտք: Ճանապարհի մյուս կողմում խորը խանդակ էր, որը, սկսվելով լանջից, մեծ կիսաշրջան էր գծում գյուղի շուրջը և նորից միանում լանջին: Խանդակի ներքին կողմի երկայնքով կենդանի ցանկապատ էր ձգվում: Ճանապարհն անցնում էր խանդակի մեջ լցված հողաթմբի վրայով և դեմ առնում ցանկապատի մեջ բացված մեծ դարպասին: Այդպիսի մեկ այլ դարպաս էլ գյուղի մյուս ծայրին կար: Մութն ընկնելուն պես երկու դարպասն էլ ամուր կողպում էին: Ցածր երկակի դռների մեջտեղում փոքրիկ խուց էր կառուցված, որտեղ նստում էր պահակը:
Դարպասից ներս մտնելով՝ ճանապարհը թեքվում էր աջ ու, լեռան ստորոտով գնալով, հասնում էր մեծ պանդոկին: Այն կառուցել էին շատ վաղուց, երբ Ուղին դեռ չէր ամայացել: Բրին կառուցված էր երկու հնագույն ուղիների ճամփաբաժանում. այն հին օրերին գյուղի արևմտյան մասում Մեծ Ուղին հատվում էր մեկ այլ հին ուղու հետ, որով անցած օրերին Բրի էին այցելում ոչ միայն մարդիկ, այլ նաև էլֆեր, թզուկներ և այլոք: «Բրիի հեքիաթներից է» և «Էդպիսի բան նույնիսկ Բրիում չես լսի»՝ այսպես էին ասում արևելյան նահանգի հոբիթները, երբ անհավանական մի բան էին լսում: Այդ ասացվածքները գալիս էին հնուց, այն ժամանակներից, երբ պանդոկում կարելի էր նորություններ իմանալ ցանկացած վայրից՝ հյուսիսից, հարավից, արևելքից, արևմուտքից: Այն ժամանակ Հոբիթստանի հոբիթները դիտավորյալ գալիս էին Բրի՝ իմանալու, թե ինչ է կատարվում աշխարհում: Բայց Հյուսիսի երկրները վաղուց ամայացել էին, և Հյուսիսային Ուղին այլևս չէր օգտագործվում. այն ամբողջապես ծածկվել էր կանաչով, որի պատճառով էլ վերանվանվել էր Մամռոտ Կանաչ Ուղի:
Դե, իսկ պանդոկն ինչպես կար, այդպես էլ մնում էր, և պանդոկպանն էլ բրիեցիների շրջանում առաջվա պես կարևոր անձ էր համարվում: Նրա պանդոկում մշտապես հավաքվում էին զանազան անբաններ, բամբասանքչիներ ու դատարկապորտներ բոլոր չորս գյուղերից՝ իմանալու վերջին նորությունները: Այնտեղ ապաստանում էին նաև հետքագետները և այլ թափառականներ, օրինակ՝ լեռներ գնացող և այնտեղից վերադարձող թզուկները:
Արդեն մթնել էր ու երկնքում հայտնվել էին աստղերը, երբ Ֆրոդոն ու նրա ուղեկիցներն անցան Մամռոտ Կանաչ ճամփաբաժանը և դեմ առան փակ Արևմտյան Դարպասին: Պահակախցում մարդ կար նստած: Նա զարմացած վեր թռավ ու լապտերը ձեռքին շտապեց դիմավորելու:
— Ո՞վ եք, որտեղի՞ց եք գալիս,— անբարեհամբույր հարցրեց նա:
Հոբիթները գնում էին փողոցով ու զարմանքով նայում անսովոր մեծ տներին: Երբ Սեմը տեսավ երեքհարկանի, բազմաթիվ պատուհաններով պանդոկը, նրա սիրտը նույնիսկ մարեց. ծառերից բարձր հսկաներ ու այլ հրաշքներ՝ լսել էինք, իսկ այստեղ չորսկողմը մարդ հսկաներ են ու վիթխարի տներ՝ ազնիվ խոսք, այսօր արդեն բավական է: Իսկ գուցե սև թամբած ձիերը կանգնա՞ծ են պանդոկի բակում, իսկ Սև Հեծյալներն էլ երրորդ հարկի մութ պատուհաններից նայում են մոտեցողների՞ն:
— Մի՞թե, տեր իմ, հենց այստեղ էստեղ էլ կանգ կառնենք,— անհանգստացած հարցրեց նա Ֆրոդոյին: — Լավ կլիներ հարցուփորձ անեինք, եթե էստեղ հոբիթներ կան, ավելի լավ չէ՞ր լինի նրանց մոտ գիշերինք: Թերևս, ներս կթողնեին:
— Իսկ պանդոկն ինչո՞վ դուրդ չի գալիս,— զարմացած արձագանքեց Ֆրոդոն: — Թոմ Բոմբադիլն էլ մեզ ասաց, որ այստեղ գանք: Համբերիր, համոզված եմ, ներսն ավելի հարմարավետ է:
Նոբը քթի տակ ծիծաղեց, աչքով արեց ու դուրս վազեց:
— Դեհ, ուրեմն, ինչի՞ մասին էի ասում,— հիշեց պանդոկպանը ափով զարկելով իր ճակատին: — Ինչպես ասում են, հիշողությունս ծակվել է, կարելու ժամանակ չկա: Եվ ինչ էլ երեկո սկսվեց՝ ոչ շունչ քաշես, ոչ շունչ փչես: Գլուխս պտտվում է: Էստեղ անցած գիշեր մի ամբողջ խումբ բարեհաճեց, ու եկել էին Մամռոտ Կանաչ ճամփով, ինչն արդեն իսկ կասկածելի է: Հետո թզուկներ՝ արևելքից, գնում են, պարզ բան է՝ արևմուտք: Իսկ հիմա դուք: Որ հոբիթ չլինեիք՝ չէի իմանա ինչ անեմ. տեղ չկա, ուզում ես՝ խեղդիր, չկա: Բայց քանի որ հոբիթ եք, ապա ես ձեզ շիտակ կասեմ. ձեզ համար տեղեր կան... Դեռ էն ժամանակ, որ պանդոկը կառուցում էին, դիտմամբ հյուսիսային թևում ջոկեցին մեկ երկու սենյակ՝ հանկարծ հոբիթներ կգան: Էնտեղ, իհարկե, ցածր է, քան էստեղ. ամեն ինչ ոնց որ դուք եք սիրում՝ պատուհանները կլոր, առաստաղները՝ ցածր: Ընթրիք եք ուզում, ինքնստինքյան պարզ է, բա էլ ինչպես: էս վայրկյանիս: Ներս եկեք...
Նա հոբիթներին տարավ միջանցքով և բացեց կլոր դուռը:
Դահլիճում ամենազանազան ու խայտաբղետ ժողովուրդ էր հավաքված: Ֆրոդոն զննեց նրանց, երբ աչքերը վարժվեցին սրահի լույսին, եթե չասենք կիսախավարին: Միայն բուխարիկն էր կարմրավուն շողեր սփռում, իսկ երեք բազմամոմ աշտանակները հաշվի մեջ չէին. դրանց արձակած առանց այն էլ թույլ լույսը կորչում էր խիտ ծխի մեջ: Լավր Նարկիսը կրակի մոտ կանգնած խոսում էր միաժամանակ երկու թզուկի և երեք տարօրինակ տեսքով մարդկանց հետ: Նստարաններին խառը նստած էին բրիեցիներ, տեղացի հոբիթներ, թզուկներ և էլի ով ասես, ծխի մեջ լավ չէր զանազավում:
Հոբիթստանի հոբիթներին տեսնելով բրիեցիները ծափ տվեցին և ուրախ խժդժոց բարձրացավ: Օտարականները, հատկապես նրանք, ովքեր եկել էին Մամռոտ ՃամփովԿանաճչ Ուղիով, շրջվեցին ու սկսեցին հետաքրքրությամբ ոտքից գլուխ չափել հոբիթներին: Պանդոկպանը չէր համբերում, որ բրիեցիներին ներկայացնի նոր ժամանած հյուրերին, իսկ նրանց էլ՝ սրանց. այնքան չէր համբերում, որ հոբիթների գլխին ուղղակի անունների տարափ տեղաց: Բրիեցի «խոշորների» տոհմանունները մեծամասամբ բուսական էին՝ Եղեգնյակ, Հավամրգունի, Ուղտափուշիկ, Կաղամախունկ և նման այլ անուններ (հոբիթստանցի հոբիթներին դա անհականալի տարօրինակություն թվաց:): Տեղական ամենահաճախ հանդիպող անունը Հինկաղնին էր: Բայց կային նաև հոբիթներին հայտնի տոհմանուններ. Բնունիներ, ԱվազուններԱվազունսեր, Փոսփորիկներ, Երկարոտքներ, որոնց կրողներն անկասկած ազգակիցներ կունենային Հոբիթստանում: Գտնվեցին նաև իսկական Զառիթափցիներ. նրանք արագորեն ընդունեցին Ֆրոդոյին իրենց շարքերը և, չգիտես ինչու, վստահ էին, որ Ֆրոդոն ոչ այլ ոք է, քան իրենց փոքր տարիքում կորած եղբայրը:
Տեղացի հոբիթների բարյացակամությունը խառնվեց հետաքրքրասիրության հետ, և Ֆրոդոն հասկացավ, որ առանց բացատրությունների սրանցից չես ազատվի: Նա ասաց, որ հետաքրքրվում է պատմությամբ ու տարածքահետազոտությամբ (բոլորը գլխով էին անում, թեպետ բառերը արտասովոր էին), որ պատրաստվում է գիրք գրել (զարմանք կտրած լռությունը եղավ դրա պատասխանը), որ նա ու իր ընկերները տեղեկություններ են հավաքում Հոբիթստանի սահմաններից դուրս ապրող, հատկապես արևելյան հոբիթների մասին:
Ահավոր աղմուկ բարձրացավ: եթե Ֆրոդոն իսկապես որոշեր գիրք գրել և, եթե տասը ականջ ունենար, մի քանի րոպեի ընթացքում տասը գրքի նյութ կհավաքեր: Դեռ ավելին, նրան խորհուրդ տվեցին դիմել այսինչներին, այնինչներին և այսինչներին՝ սկսելով թեկուզ հենց Նարկիսից: Բայց Ֆրոդոն ասաց, որ այս պահին ոչինչ չի գրելու. այդ ժամանակ հոբիթները նորից սկսեցին հարցնել հոբիթական գործերից: Ֆրոդոն, ինչպես միշտ, ժամը մեկ բառ էր ասում և շուտով նրան հանգիստ թողեցին: Նա նստեց անկյունում, նայում էր ու լսում:
Մարդիկ ու թզուկները քննարկում էին արևելքի իրադարձություններն ու նորություններ էին փոխանակում՝ վերջին հաշվով բոլորին հայտնի: Օրինակ՝ հարավում ամպեր էին կուտակվում, և մարդիկ, որոնք եկել էին Մամռոտ Կանաչ ուղիով, ակնհայտորեն նոր հողեր էին փնտրում, որ հանգիստ ապրեն: Բրիեցիներն ախուվախ էին անում, բայց, երևում է, հույս ունեին, որ այդ որոնումներն իրենց կշրջանցեն: Եկվորներից մեկը՝ մի շիլաչք այլանդակ, արշավանք գուշակեց հարավ-արևելքից մոտ ապագայում:
— Եվ թող նրանց համար նախապես տեղ պատրաստեն, թե չէ նրանք իրենք կգտնեն իրենց համար: Ապրել հո հարկավոր է, և ոչ միայն որոշ-որոշներին:
— Պիտի ասեմ,— պնդում էր պարոն Օշինդրյակը: — Ու ինչ ասում եմ, էն էլ հաստատում եմ...
— Չէ՛, էստեղ ինչ-որ բան տեղը չէ,— ասաց պանդոկպանը՝ կասկածանքով գլուխն օրորելով: — Որպեսզի պարոն Զառիթափցին իր կազմվածքով օդում ցնդի՞: Էն էլ ես էս օդում...
— Էդ դեպքում ու՞ր է նա,— գոռացին մի քանի ձայներ: