«Ճիկառան»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «ՃԻԿԱՌԱՆ Այս աշխարհին վրա Զայիմ աղան մեկ մտածում միայն ուներ, երկու ըսես՝ չէ. ծխել։ Ու մեկ հոտե մր...»:)
 
Տող 1. Տող 1.
 +
Հակոբ Մնձուրի
 +
 
ՃԻԿԱՌԱՆ
 
ՃԻԿԱՌԱՆ
  

11:45, 4 Հունիսի 2017-ի տարբերակ

Հակոբ Մնձուրի

ՃԻԿԱՌԱՆ

Այս աշխարհին վրա Զայիմ աղան մեկ մտածում միայն ուներ, երկու ըսես՝ չէ. ծխել։ Ու մեկ հոտե մր կախորժեր՝ ծխախոտին հոտեն։ Ծխախոտն որ ունենար, ծխելն որ ըլլար, երանության մեջ կզգար ինքզինքը այլևս։ Ալ աշխարհը տա՞կն էր անցեր, թե՞ վրան էր ելեր հոգը անգամ չէր: Ուտելը, ինչպես ըլլար, կըլլար։ Ձեռքի մը չափ ցամաք հացով, չոր հացի բրդոջքներր ջուրի մեջ թաթախելով ալ կգոհանար, ան, չըլլար՝ անոթի ալ կպառկեր, Այս փորը խոսք կհասկնար, վերջապես, միայն թե՝ ծխելը ըլլար, անոր չէր դիմանար: Այն օրերուն ծխախոտը քանի՞ փարայի խոսք էր: Լազերը Տրապիզոնի գավառներեն, մորթիներով զինված,տասնհինգ, քսան ձիու բեռներով կբերեին ամեն անգամուն: Րեժին չկար՝ ըսել էր, կամ ավելի ճիշտը֊, քաղաքներուն մեջ գոյություն ուներ միայն: Մեկ խումբը կմեկներ, մյուսը կհայտնվեր: Անոնք իրենց բեռները կիջեցնեին, կբանային հակերը, ու առուծախը ազա՜տ, աներկյո՜ւղ: Սեպիլուլլահ... Գնե որքան որ կուզես ու գինը ինչքա՜ն աժան. լիրը, այսինքն վեց օխան, տասնըութը ղուրուշ, դու ըսե՝ ամենեն բարձրը՝ քսանչորս ղուրուշ: Բայց Զայիմ աղան գյուղին ամենեն աղքատն էր։ Վաստկվոր չէր,ձեր ալ ըլլալով՝ ո՞վ կկանչեր զինքը ու օրավարձքով կաշխատցներ։ Այնպես որ՝ սև մեթալիկ մը, պղինձ մը իսկ չկար ծոցը՝ ծխախոտի տալու: Աչքը շարունակ իմ ու քու քսակն ու տուփն էր, կսպասեր, թե ո՞վ պիտի ճիկառա մը երկնցներ իրեն: Ձմեռ որ գար՝ օտաները կերթար, օրը իրիկուն ընելու համար. Պետք է ըսել, որ թրքական գյուղերուն մեջ, բացի սակավաթիվ ունևորներե, ամեն տուն օտա չունի, շատերը միայն ներքնատունե մը բաղկանալուն այրերը չէին հավաքվեր ու նստեր, կիներուն պահվելուն, խիստ «նամեհրամ»-ին պատճառով։ Գավառը անտառուտ ըլլալով փայտը առատ էր,գմբեթավոր օճախները անդադար կվառեին, ու կնստեին բոցերուն դիմաց։ Շաբաթը մեկ-երկու անգամ ալ, հեյպե մը ուներ, ուսեն կձգեր, բիրը կառներ, հին փաթթոցը ականջներուն վրայեն կկապեր չմսելու համար,շրջակա գեղերը կերթար, գացած տեղերեն, ասոր անոր տուփերեն ճիկառա շինելով՝ կգոհացներ իր պահանջը։ Իսկ ամառ որ ըլլար՝ դուրս կուգար, ծալապատիկ կնստեր առաջքի հարթավայրին վրա իր տանը, որ գյուղին եզերքը խրճիթե ավելի նեղ ու փեթակի նման կլոր հողե բույն մըն էր, ու կդիտեր անտառուտ զառիթափերը, որոնք բոլորն ալ սահելով, կիջնային Ղոլռու Չայի խորունկ ձորը։ Գյուղացիներուն անցուդարձը չէր դադրեր, Զայիմ աղա իր նստած տեղեն կխոսեր բոլորին հետ, անոնց որպիսությունը կհարցներ, կհեաաքրքրվեր, թե ի՞նչ ընելու կերթային, և ճիկառա կուզեր: Ահա, տեսեր ես՝ գունավոր չարշաֆներով, տրեխով կիներու, բոբիկ վազող մանուկներու քանի մը խումբերե հետո՝ լուծք մը եզ առաջքը, լըծվար մը կանցներ։ - Նորեն ո՞ւր, նորեն ո՞ւր, քեռորդի,– կհարցներ իր տեղեն Զայիմ աղան երիտասարդին։ Զայիմ աղային համար ոչ-ազգական, օտար մարդ չկար աշխարհին վրա։ - Ղալեին կողմը կերթամ, Զայիմ քեռի,– կպատասխաներ,- երկու օր է՝ հոն եմ, փոսը ցանեցի, հիմա ալ վրայի մասը պիտի ցանեմ. - Շատ աղեկ կընես, դեռ ատեն կա, ուշ չսեպվիր, մինչև մայիսի վերջը կցանվի, մանավանդ որ այն կողմերը քամիին դեմ է, բարձր, արևզարկ չըլլար։ - Նայինք բան մըն ալ պիտի ելլե, Զայիմ քեռի, առջի տարի ցանած սերմնցուս ալ չառի: - ճանըմ, դուն չգիտես չէ՝ մեր մեծերուն խոսքը. էքիճի օլ պիլիճի օլմա*,— կհարեր Զայիմ աղան, ավելի լրջանալով ու կրկնելով գյուղացիներու հատուկ իմաստությունը՝ թե պետք է ցանել, ու ա՛լ չխորհիլ, մնացածը աստուծո հանձնել, ու կշարունակեր. - Մի՞թե իմ ու քու ուզելովդ պիտի ըլլա, ինչ որ կամենա՝ ան կուտա... թեվեքելլի եղիր… Աստված իր ծառան որ ստեղծեր է, րըզգն էլ հետը ստեղծած է, անոթի չթողուր… նասիպ… նասիպեդ ավելի չըլլար ինչքան ալ աշխատիս։ Ու կավարտեր խոսքը՝ ըսելով, որ ճիկառա մը տարր: Գյուղացին կերկարեր տուփը, ու Զայիմ աղան կփաթթեր հաստ, որքան հնար էր, հաստ ճիկառա մը, կվառեր, ու կթողուր որ մեկներ: — Ո՞ւր, Ատը Կյուզել աղա, ո՞ւր, բոլորտիքդ ալ չես նայիր ու ինկեր ես՝ կերթաս,— իր նստած տեղեն կձայներ այս անգամ, նորեն, Զայիմ աղան նոր անցորդի մը,— եկուր նստե, հոգնություն մը առ ու այնպես գնա, ճանըմ։ Այս Ատը Կյուզել աղան պզտիկ, շատ պզտիկ մարդ մ՝է։ Չորս թիզ կա ու չկա։ Վտիտ։ Ոտքերը տրեխ, բիր մը ձեռքը, ու վիշտ՝ դեմքին վրա: Մարդուկը կուգար, կնստեր մոտը։ - Ո՞ւր, ո՞ւր կերթայիր, չես ալ ըսեր,- կկրկներ վերստին Զայիմ աղան,— խոսե նայինք՝ ի՞նչ ունիս։ Մի հարցներ, Զայիմ աղա,— կպատասխաներ ան,— մի՞ հարցըներ։

  • Սերմը գցիր ու տեր մի լինիր, (Ծ. կ.)

Ու կպատմեր, թե դատարանեն կուգար: Վեց արտավարնոց ջրարբի արտ մը իր եղբորորդիները ձեռքեն հափշտակել կուզեին, ու կկասկածեր իր հաջողութենեն, որովհետև ուխտիկցի Մոլլան, Կուլանցի Մահմուտ պեկը, փանպուխձորցի Կոճո պեկը հակառակ էին իրեն: Միաժամանակ՝ մինթանին ներքևեն ծխախոտին տուփը կհաներ: Զայիմ աղա, առանց հրավերի սպասելու՝ հաստ ճիկառա մը շինելով ու անուշ-անուշ հոտոտելով վառելե հետո՝ կպատասխաներ, հանդիմանական շեշտով մը. - Չեն ամչնար այդ եղբորորդիներդ… Ինսան-օղլին հարամ կաթ է ծծեր. Ատը Կյուզել աղա, քեզի պես աստվածավախ մարդուն ալ կընեն… Ուխտիկի Մոլլան, Կոճո պեկը ինչ ըսելով՝ երես կուտան անոնց… – Այս աշխարհքին վրան կա , ներքևն ալ կա. Այս աշխարհքեն անդին ալ կա.հոն պատասխան տալ ալ կա, Ատը Կյուզել աղա… Զայիմ աղա ճիկառա մըն ալ կշիներ, հետո երրորդ մը ևս, այս անգամ այնքան հաստ, որ թուղթին երկու եզերքները չէին միանար: Ատը կյուզել աղան չէր նկատեր անգամ, Տուփը առնելով՝ կդներ ծոցը ու, սրտապնդող խոսքերեն ուժ առնելով, ոտքի կելլեր ու կմեկներ: Այնուհետև ուրիշներ կուգային, Զայիմ աղան ամենուն հետ ալ կխոսեր, ամենքեն ալ մեկ-երկու ճիկառա կառներ ու կճամբեր:

    • *

Ատենե մը ի վեր, սակայն, Զայիմ աղան, նստելո՛վ սովորականին պես՝ իր տան առաջքը, ու դիտելով արևոտ, կանաչ զառիթափերը, խոր–խոր ձորերը՝ բան մը կմտածեր. Սթանպոլ երթալ։ Ինք թեև մինչև այդ տարիքը դուրս ելած չէր գավառին սահմաններեն, բայց շատերը կերթային ու դրամ կղրկեին իրենց տունը, վաստակով կդառնային։ Ինք ինչո՞ւ չըներ։ Կազատեր, այդպեսով, թշվառութենեն։ Ու բոլորին կհաղորդեր իր մտադրությունը։ — Բան մը կմտածեմ ես, աղաներ, դուք ի՞նչ կըսեք իմ այս խելքիս, — կըսեր։ — Ի՞նչ է, Զայիմ քեռի։ — Կըսեմ՝ Ստամպոլ երթամ։ -Ստամպո՞լ զարմացած կնայեին,– բայց դուն Ստամպոլ երթաս՝ ի՞նչ կրնաս ընել, Զայիմ քեռի, բեռնակրություն չես կրնար ընել, փուռերուն մեջ չես կրնար աշխատիլ, նավերեն ածուխ չես կրնար պար֊պել, ի՞նչ ընես՝ երթաս։ — Կըսեմ՝ երթամ, փարա վաստկիմ ու պո՜լ ճիկառա մը խմեմ,– ու այդ «պո՜լ…»-ը այնքան կերկնցներ, որ մեկ-երկու րոպե կտևեր: Բայց այդ բանին պետք չեղավ։ Իր գյուղացի Տուրմուշ չավուշը կար, Ան Զոնկուլտաքի ածուխի բեռնակիրներան վերակացուն, չավուշն էր, ու թեև հազիվ տարի մը կըլլար հայրենիք էր դարձեր, հանկարծ աճապարանքով կանչված էր, Տուրմուշ չավուշ պարտավորված էր իսկույն մեկնելու, բայց տունը որո՞ւ ձգեր ու երթար, Շատ արտեր ուներ, իր կինն ու մայրը չէին կրնար լեռնեն փայտ բերել, արտերը հերկել, երիտասարդ ծառա մը վարձելն ալ բազմաթիվ անհարմարություններ ուներ, քանի որ իր առաջին կինը արձակած էր ու երկրորդ կինը շաա նորատի, շատ մանկահասակ էր, ու խորհած էր Զայիմ աղային վրան, ճիշտ է, ծեր էր ան, բայց թող ըլլար, ավելի աղեկ: Ու Տուրմուշ չավուշ, օրին մեկը եկավ, գտավ Զայիմ աղան, ամեն մանրամասնություն պատմեց անոր: - Դուն շատ ես աշխատեր, քիչ ես աշխատեր, ատոր մասին մի՛ մտածեր, Զայիմ քեռի, - ես քենե ադ չեմ փնտրեր. ինչքան աշխատիս՝ բավական է ինծի, դուն փորձառու, ալիք-մորուք ճերմակցուցած մարդ ես, միայն քու նազարդ չոլուխ-չոճուխին վրա ըլլա, քենե ադ կուզեմ, գիտես որ՝ օլուր-օլմազ մարդե չեմ ախորժիր տանս մեջ, երիտասարդ, անփորձ կնոջ տեր եմ, վերջապես: Ու իբր վերջաբան, ավելցուց. - Ծխախոտիդ մասին ալ դուն երբեք հոգ մի՛ ըներ. երկու լիրեն ավելի՝ տունը ծխախոտ ունիմ,քեզի համար է անիկա, որչափ կուզես ծխե, ես բացեն դրամ ալ կղրկեմ, որ նորեն գնես: Տունը քուկդ է, մեկ խոսք, կինս ալ՝ քու աղջիկդ, դուն ինչպես կուզես՝ այնպես նայե: Զայիմ իսկույն ընդունեց առաջարկը: Ան մինչև անգամ հուզվեցավ ծխախոտի համար ըրած խոսքերեն, Ուրեմն՝ ան պիտի կրնար ծխել, ինչքա՜ն որ ուզեր։ Ու Տուրմուշ չավուշի մեկնած առտուն գնաց անոր տունը: Այդ օրեն նոր կյանք մը սկսավ Զայիմ աղայի համար ծառայության կյանքը: Հերկերու ամիսը ըլլալով, ամեն առտու զույգ եզերը կառներ, ու մաստան թելին տակ՝ կերթար հերկելու։ Տասնյակներով տարիներե ի վեր արորին մաճը ձեռքը առած չըլլալով, տարիքը առաջացած, արտերը մեծ մասամբ զառիթափերուն վրա ու կարծր հողերով ըլլալուն՝ դժվարավ կըգործածեր արորը, կհոգներ, շունչը կկտրեր, բայց ծխախոտը առատ էր,ու՝ կհանդուրժեր։ Օրը երկու անգամ տուփը կլեցներ ու կպարպեր։ Գրեթե ամեն ակոսդարձին կկայնեցներ լուծքը, ճիկառա մը պիտի փաթթեր, ծխեր, ու հետո շարունակեր։ Տուրմուշ չավուշը պատվիրած ըլլալով՝ տան մեջ կհարգեին զինքը: Կեսուրը դիտողություն չէր ըներ, իսկ հարսը՝ մանկահասակ Զեյնեպը,կհնազանդեր, ու կօգներ իրեն։ Հերկերեն հետո Զեյնեպին հետ խորունկ, ամայի ձորերու մեջ գացին խոտ քաղելու։ Հետո միշտ միասին՝ հունձքերը հնձեցին, կալերը կամնեցին, աղոնը ըրին։ Անծանոթներ, տեսնելով Զեյնեպը գունավոր չարշաֆով մը ու միշտ միասին, իր աղջիկը կկարծեին։ Այսպես թե այնպես, վերջապես՝ ձմեռը եկավ, ու անգործության երկայն ամիսները սկսան։ Զայիմ աղան հիմա բոլորովին հանգիստ էր։ Թեև տանը կիցը ու տունեն անջատ իրենք ալ օտա ունեին, բայց տանուտերը՝ Տուրմուշ չավուշը, բացակայելուն, դուռը շարունակ փակ կպահեին: Ներքնատան օճախը անդադար կվառեին ու իրենք, բոլորվելով, կնստեին դիմացը։ Ծերության օրինական տարիքը թևակոխած ըլլալով՝ նամեհրամ չէին Զայիմ աղային հետ, դրացի տուներե կիներ, աղջիկներ նույնպես՝ առանց ձածկվելու, կուգային կնստեին։ Զայիմ աղա հիմա ալ դուրս չէր ելլեր, կրակին կուշտը ծալապատիկ գալով՝ անուշ-անուշ կծխեր ու կմասնակցեր կիներու խոսակցություններուն։ Բայց մարտ ամսուն մեջ տանը աղը հատավ։ Դեռ օդերը շատ անկանոն, խիստ էին, ձյուները մասնակի հալած, ու իրենք կխորհեին, թե մինչև ապրիլի վերջավորությունը պիտի բավեր, սակայն սխալ ելավ իրենց հաշիվը, պետք եղավ մինչև Ճերիտի աղահանքերը երթալ։ Զայիմ աղան ու Զեյնեպը տրեխվորեցան, պարկերն ու երկու էշերը առին։ Ուրիշ կիներ ալ միացան, որոնց տուներուն աղը նայնպես հատած էր։ Կիները մինչև կրունկները քողքվեցան գույնզգույն, թանձր չարշաֆներով, քթերնուն ձախ մասը ու ձախ աչքերնին բաց թողելով, ու գրաստներու, գեղջկուհիներու կարավան մը կազմելով, ճամբա ելան։ Վեց-յոթը ժամվան հեռավորություն մըն էր։ Այդ օրը պիտի երթային ու հետևյալ օրը պիտի դառնային։ Զայիմ աղան, ծխախոտը հատնելեն վախնալով, տուփը լեցնելեն զատ՝ ծրար մըն ալ առած էր միասին, Ձմռավերջի խառնակ օդերեն էր,անձրև մը պուտ-պուտ կպտպտար, գետինները ձյունոտ ու ցեխոտ, մինչև իրիկուն քալելով կրցան վերջապես հասնիլ աղահանքերը։ Յուրաքանչյուր կին իր դրամը վճարեց պաշտոնյային, աղերը լեցուցին պարկերը, Ու այդ գիշերը հողե, խոնավ, պաղ սենյակի մը մեջ լուսցուցին։ Առտուն ելան որ՝ անձրևը վերսկսեր էր։ Ամեն ոք իր աղը բեռցավ,ու մեկմեկու ետևե առաջ շարժվեցան։ Վերեն անդադար կտեղար, ու վարը, գետինները, ուր կոխեիր՝ ջուր, ամեն դիեն հեղեղներ կհոսեին, թե կիները և թե անասունները մինչև իրենց ոսկորները թրջեցան։ Չէին կըրնար քալել, ոտքերնին շարունակ կսահեր, կիյնային, բայց Զայիմ աղան չէր նկատեր անգամ ատոնք, ան հոգ մը ուներ՝ չէր կրնար ծխել։ Ծխախոտին ախորժելի հոտը կհալածեր, կտանջեր զինքը, Ամեն անգամուն թաց,սառած մատնեըով կփորձեր փաթթել ճիկառան, ծուռ ու մուռ բան մը կըշիներ, և սակայն՝ անձրևը չէր թողուր, կթրջեր թուղթը, կմարեր, ու երկու անգամ, գոնե, մեկ-մեկու ետևե չէր կրնար ծուխը ներս քաշել, երբ Կոնտոսիի ու Քեռեկեի գետերուն իրար խառնված տեղը հասան,օդը ավելի խստացավ։ Անձրևը ձյունի փոխվեցավ, ու մշուշ մը իջավ, պատեց լեռներն ու ձորերը, Ալ գրեթե զիրար չէին տեսներ, Ու ամեն կին ինքզինքն ու իր էշը կհոգար, կաշխատեին ետ չմնալ։ Բարեբախտաբար՝ զառիթափերը հասան, ու մառախուղին միջեն թեև բարձունքներուն թառած գյուղը չէր նշմարվեր, բայց գիտեին, որ հետզհետե կմոտենային, երբ հանկարծ Զայիմ աղան բան մը եղավ, գետինը ձյուներուն մեջ փռվեցավ, ու ո՛չ կրնար խոսիլ, ո՛չ ալ շարժիլ: Երեք կիներ իսկույն, իրենց բոլոր ուժերը հավաքելով, գյուղ սուրացին՝ լուրը տանելու: Անոնք հաստն վերջապես, եղելությունը պատմեցին, ու լսողը՝ փութաց աղետին վայրը: Գյուղացիներեն ոմանք կիներն ու գրաստները առաջնորդեցին ձյուներուն մեջեն, իսկ ուրիշները՝ Զայիմ աղան շալկելով, տուն բերին։ Սառած մարմինը օճախին կրակին մոտեցնելը վտանգավոր ըլլալով անոնք գոմ տարին, իսկույն տաք աղբը բացին թիերով ու պառկեցուցին մեջը։ Դեպքը իմացված ըլլալով, ամեն կողմե մարդիկ կուգային՝ տեսնելու, դարմաններ հանձնարարելու։ Երկու հոգի կշփեին կողերը, կուրծքը,իսկ Զայիմ աղան զգայազուրկ, անշարժ պառկած էր։ Առաջին րոպեներեն հետո, վերջապես, աչքերը բացավ, նայեցավ շուրջը, աոանց կարենալ խոսելու, - Զայիմ աղա, Զայիմ քեռի, ըսե նայինք, ի՞նչ ունիս, ի՞նչ եղավ կհարցնեին։

    - 	Ճղ… ճղ… ճղ… ձայներ  մը կրցավ արտասանել, հոտոտելու պես ռունգերը բացխփելով,
 	- Ի՞նչ կուզես, Զայիմ քեռի, բա՞ն մը կուզես, բա՞ն մը բերենք, - կկրկնեին ամեն կողմե, գոմին մեջ ոտքի վրա կայնող բազմութենեն:
	- Ճղ… ճղ… ճղ…

Արդյոք ի՞նչ հասկցնել կուզեր: Րուպի եռացած շերպեթ բերին, տաք սուրճ տվին, բայց ոչ մեկը ընդունեց, ակռաները պինդ սեմած էր: Ամեն մարդ մեկ-մեկ կերպ կմեկներ: Մեկը խորհեցավ, թե ճիկառա մը տային՝ կարելի է կծխեր: Ու իր միտքը հաղորդեց բազմության: Իսկույն պառկած տեղեն բռնեցին, վեր առին, նստեցուցին, ճիկառա մը շինեցին, վառեցին ու բերանը դրին: Զարմացան բոլորը: Զայիմ աղան սկսավ քաշել ու դուրս տալ ծուխը: Ճիկառան հատցուց: Երկրորդ մը տվին, ան ալ ծխեց: Զայիմ աղան աղեկցավ, սկսավ խոսիլ: Գյուղացիներուն ուրախությունը չափ չուներ: Ինք իր ոտքովը գոմեն ելավ, ներքնատունը օճախին մոտ գնաց ու նստավ: Զայիմ աղա, Զայիմ քեռի, անցած ըլլա ի՞նչ եղար, ինչե՞ն այդպես եղար, ճանըմ,– կհարցնեին գեղացիները, իրենք ալ շուրջը բոլորվելով՝ անոր նստելեն հետո։ Զայիմ աղան, ծանր-ծանր շուրջը նայելով ու մորուքին թելերը խառնելով, պատասխանեց. — Մի հարցնեք, մի հարցնեք, աղաներ, որ ըսեք, թե գիտեմ՝ ես ալ չգիտեմ... առտուն, որ աղահանքերեն ճամբա ելանք, անկե ի վեր՝ ճիկառա չեմ ծխած... քանի աշխատեցա ճիկառա մը շինեմ, անձրևը, ձյունը չթողուր... կթրջեր, կմարեր... ճիկառան աչքիս թյութմիշ կըլլար... ինչ որ եղա, ճիկառա չըլլալեն եղա՝ կըսեմ։ - ճղ… ճղ… ճղ… ըսածդ ի՞նչ էր,— հարցուցին։ - ճիկառա ըսել կուզեի, ճիկառա տվեք, չէի կրնար հասկցնել։