Changes

Մորեգույն հավալուսն

Ավելացվել է 50 382 բայտ, 13:19, 5 Հոկտեմբերի 2017
/* Տանջվածը */
Բնականաբար, ինձ միանգամից թվաց, որ պտտվում ու կրկնապատկվում է։
― Ուրեմն քննարկելու բան չկա, ― եզրակացրեց նա և պայուսակից հանելով, տղամարդու կոշիկի չափ չափսի հատուկ բջջային հեռախոսը, զանգեց ինչ֊որ տեղ ու սկսեց կամաց բացատրել․
― Այո։ Լու։ Կարմրություն ու այտուց։ Հիվանդը բողոքում է քորից, գլխացավից, կրկնակի տեսողությունից ու սրտխառնոցից։
Այդ ողջ ընթացքում վարորդը տեղից չշարժվեց։ Կանգնած էր դռան մոտ իր ոչինչ չարտահայտող հիմար ժպիտով ու պտտում էր մատների վրա բանալիների կապոցը։
 
==Ստերլիություն ենք փնտրում==
==Լենինյան ուղի==
Ծիծաղելի է, որ այն բնակավայրը որտեղ ապրում եմ հիմա էլ այդպես է անվանվում․ «Լենինյան ուղի»։ Բայց մեր երկրում այնքան ծիծաղելի բաներ կան, որ արդեն ծիծաղելի էլ չի։ Սովետական իշխանությունը վաղուց վերացել է, իսկ նրա խորհրդանիշները այնքան անձեռնմխելի են, կարծես ինչ֊որ մեկը դեռ հույս ունի (ինչ֊որ մեկը իսկապես ունի), որ այն կվերադառնա։ Մի երկիր, որտեղ այժմ նրա վերնախավը ներկայացվում է որպես ուղղափառության պատվար, իսկ ամենահարգված մեռյալը գլխավոր անաստվածն է, կրոնի անգութ թշնամին, եկեղեցիներն ու եկեղեցական սրբությունները ոչնչացնողը, հազարավոր հոգևորականներ սպանողը։ Նրա փոշոտված, աղավնիներով վիրավորված արձանները մինչև հիմա կանգնած են բոլոր քաղաքներում և Ռուսաստանի բոլոր կայարանամերձ հրապարակներում։ Համարյա բոլոր քաղաքների գլխավոր փողոցներն ու կենտրոնական շրջանները նրա անունն են կրում։ Նաև նրա դաշնակիցների և ուրիշ, սովետական ու բոլշևիկյան անուններ․ փողոցներ, հրապարակներ, մարքսիստական կոմունիստական, կոմերիտական, պրոլետարական, Տասնյոթերորդ համագումարի նրբանցքներ և այլն։ Եթե չեմ սխալվում մեր բնակավայրը կառուցվել է երեսունականների սկզբին 1917 թվի հեղափոխության մասնակիցների համար, որի ոչ պաշտոնական անվանումն էր՝ հին բոլշևկների բնակավայր։ Մինչև 37 թվականը գործերից հեռացողների հանդեպ բռնաճշումներ համարյա չեղան, և շատերին հաջողվեց մինչև խոր ծերություն ապրել ու պահպանել հարգանքը անցյալի ու գործերի հանդեպ, որոնց մասնակիցն էին եղել։ Իրենք իրենց արժևորում էին ՌՍԴՊ֊ՀԿՊ(բ)֊ԽՄԿՊ֊ում ունեցած մասնակցության ստաժով, ինչը արձանագրվում էր տեղական գերեզմանոցի քարերի վրա։ Ամենամեծ հարգանքը նրանց շրջանում վայելում էին 1898֊ից՝ հիմնադրման օրից, անդամակցողները։ Հետո հետևում էին 1903 թվականից ՌՍԴՊ֊ի Երկրորդ համագումարի մասնակիցները։ Բավական մեծ անջրպետ կար այն անդամների միջև, որոնք անդամակցել էին մինչև 1917 թ․ և հետո։ Մինչև՝ նշանակում էր ճշմարիտ հեղափոխական, հետո՝ իշխանությունը զավթած կուսակցության անդամ, որը կարող էր լինել հաշտվողական։ Վաթսունականներին վերջին բոլշևիկներն, նախկին կոմիսարներն, Քաղաքացիական պատերազմի վետերաններն իրար ետևից մահանում էին ու իրենց վերջին հանգրվանը գտնում տեղական գերեզմանատանը։ Փոքրաքանակ բարեկամները առանց որևէ շուքի ուղեկցում էին նրանց գերեզմանատուն քարքարոտ ճանապարհով։ Հենց այդ ճանապարհը ցինիկ հետնորդները անվանեցին Լենինյան։ Ճանապարհը ծածկված էր ուղտափշերով ու կռատուկներով, իսկ գերեզմանոցում կիսաջնված միանման արձանագրություններով՝ մահացածի ազգանունով ու անվան սկզբնատառերով, ծննդյան ու մահվան ամսաթվերով, նաև կուսակցությանը անդամակցելու ամսաթվով քարե քառակուսիները կորչում էին մոլախոտի մեջ։ Երբ գտնում ես փնտրածդ գերեզմանը, մաքրում փշերը, կարդում ամսաթիվը՝ անդամ է 1905 թվականից, ինքնաբերաբար քմծիծաղ ես տալիս․ ժամանակը, որը թվում էր մեռածին այդքան պատկառելի, ոչինչ էր համեմատած նրանց առջև փռված հավիտենականության հետ։ Այստեղի ամառանոցները կառուցված էին (կես հեկտարանոց և ավելի) անտառային տարածքների վրա։ Ժամանակին ունեին պատկառելի տեսք ու ակնհայտորեն խորհրդանիշն էին իրենց տերերի կյանքի հաջողության, բայց այժմ, նրանցից մի քանիսը, որոնք հրաշքով չեն վաճառվել կամ զավթվել (իսկ այդպիսիները դեռ կան), նոր ռուս մեծահարուստների ճարտարապետական կամայականությունների ֆոնին այնպիսի խղճուկ տեսք ունեն, ինչպես իրենց նախկին տերերի գերեզմանները։ Իսկապես որ, sic transit gloria mundi!<ref>«Այսպես է անցնում աշխարհիկ փառքը» (լատիներեն) ― գերմանական միստիկ փիլիսոփա Ֆոմա Կեմպիյսկիի Թովմա Գեմբացի (XV դ․) «Քրիստոսին ընդօրինակելու մասին» գրքից վերցված ու մի փոքր ձևափոխված նախադասություն։</ref> Հարուստները մրցելով իրար հետ կառուցել էին շքեղ տներ, որոնցից ոմանք շատ տարօրինակ տեսք ունեին, շրջապատելով իրենց ամրոցները տեսախցիկներ ունեցող ցանկապատներով։ Ցանկապատել էին նաև ողջ բնակավայրը, թողնելով խոչընդոտով փակված միայն մի նեղ ճանապարհ բնակավայր մեքենայով մտնելու համար։ Գիշեր֊ցերեկ բնակավայրը հսկում են դրսից՝ մասնավոր անվտանգության աշխատակիցները, իսկ ներսում տներից շատերը ունեն իրենց պահակները, գիշերները նաև շներ են բաց թողնում։ Ամառանոցային տարածքը նմանվել է խիստ հսկողության տակ գտնվող գաղութի, երկու պատերի միջով զբոսնելիս, կարծես բանտի միջանցքում լինես։ Գիշերները այդ տհաճ զգացողությունը ավելի է ուժեղանում, երբ զբոսնելիս անցնում եք մի ինչ֊որ անտեսանելի գիծ ու երկու կողմից վառվում ու ձեզ վրա են ուղղվում տեսախցիկներին միացված լուսարձակները, որոնք դիմավորում ու ճանապարհ են դնում ձեզ իրենց օձանման գլխիկներով։ Երբ ես մեքենայով դուրս եմ գալիս այնտեղից այնպիսի զգացողություն ունեմ, որ դեպի ազատություն եմ գնում։ Չնայած մեր բնակավայրը, ինչպես ասում են, էլիտար է, ճանապարհները սարսափելի վատն են, ամբողջովին ջարդուխուրդ։ Ձմեռը ոչ ոք չի մաքրում, իսկ գարնանը այնպիսի փոսեր են առաջանում, որ երթևկել կարելի է միայն ամենագնացով։ Ճանապարհների վերանորոգումը գումար է պահանջում։ Հավաքել մեր մեծահարուստ բնակիչներից այդ գումարը այնքան էլ հեշտ բան չէ։ Որոշակի գումար հատկացնելու առաջարկը ոմանք լռության են մատնում, իսկ մյուսները խղճուկ ու ծիծաղելի բացատրություններ գրում միջոցների սղության մասին։  ==Տանջվածը== Մենք անցանք ծառապատ Հուսիսային փողոցը, թեքվեցինք Միջինը, որտեղ տեսա ճանապարհի մեջտեղով քայլող վերը հիշատակած Տիմոֆեյ Սեմիգուդիլովին՝ մեր և ոչ միայն մեր բնակավայրի ուշադրությանն արժանի այդ մարդուն։ Ահա նրա դիմանկարը․ իմ տարիքի ծերունի, խոշոր, բարձրահասակ՝ մոտավորապես երկու մետր, թիկնեղ, կնճռոտված դեմքով, աչքերի տակ պարկեր, աչքերը միշտ ատելությունից բորբոքված՝ ամեն մի կենդանի բանի նկատմամբ։ Ձմեռը ման է գալիս բամբակե բաճկոնով, հաստ կաշվից կարած երկարաճիտ կոշիկներով, կոնաձև, ակնհայտորեն մոնղոլական գլխարկով, հաստ ճյուղից սարքված անհարթ ձեռնափայտով, որը հատուկ նրա համար տաշված ու լաքով է ներկված։ Փայտը նա օգտագործում է ոչ թե որպես լրացուցիչ հենարան, այլ պատահական շներին քշելու համար։ Բայց պատահական շներ մեր բնակավայրում չկան։ Ոչ հեռու անցյալում կային ոչ թե պատահական ու անտուն, այլ կասեի անտեր, բայց լավ կերակրված երկու, չորս, հետագայում՝ վեց շուն։ Մենք, բնակիչներս, փող էինք հավաքում, իսկ մեր պահակները շների համար մսով շիլա էին եփում։ Իրենց պահակակետի մոտ նրանք կառուցեցին երեք փոքրիկ տնակ, որոնք իրենց տնից տարբերվում էին միայն չափսով, վառարանի ու հեռուստացույցի բացակայությամբ։ Շները այդ տնակներում համարյա չէին ապրում, բայց պատսպարվում էին անձրևից, իսկ ձմեռը տաքանում էին պահակների տնակում կամ տան առջև, ամառներն էլ պառկում էին ասֆալտի վրա փողոցի մեջտեղում, չվախենալով խնամքով իրենց շրջանցող մեքենաներից։ Շները միշտ միասին էին ման գալիս, կուշտ լինելով չար չէին, նույնիսկ կատուներին ձեռք չէին տալիս։ Պոչերը շարժելով ուրախ դիմավորում էին բոլոր զբոսնողներին և որոշ ժամանակ ուղեկցում նրանց։ Եվ համարյա բոլոր բնակիչները նրանց լավ էին վերաբերվում, բոլորի անունները գիտեին․ Չուկ, Գեկ, Մալչիկ, Ջեկ, Տուման և Լինդա։ Եվ հանկարծ մի ինչ֊որ սրիկա նրանց կերակրեց թունավորված մսով։ Նրանցից հինգը սատկեցին սարսափելի տանջանքներով, իսկ Լինդան կենդանի մնաց, որովհետև պատկերացրեք, նա բուսակեր է։ Ուրեմն, ասում եմ, շների մահը, նրանց դաժան սպանությունը ցնցեց բոլորին, և կասկածում էին Տիմոխային կամ նրա ընկեր և մեր դեպուտատ Ալեքսեյ Չուբարովին, որոնք հաճախ էին դժգոհում, որ անտունները ման են գալիս առանց վզնոցի, պարանի ու դնչկալի։ Միևնույն ժամանակ Սեմիգուդիլովը նույնպես իր շանը ման է տալիս առանց դնչկալի, արձակած և ժամանակ առ ժամանակ նա կռվում է մանր շների հետ, մի անգամ էլ կծոտեց մեր պահակներից մեկին՝ Բորիս Պետրովիչին։ Ինչ վերաբերում է Չուբարովին նա հետո պատժվեց, ճիշտ է, ոչ թե շներին թունավորելու, այլ իր ագահության ու սրիկայության համար։ Բանն այն է, որ քանդելով խելքը թռցրած ծեր կնոջից էժան գնված (նկատի ունենալով այսօրվա գները) ամառանոցը, կառուցեց շքեղ առանձնատուն սիբիրյան կեդրից։ Վարձեց ուզբեկների, նախօրոք նրանցից վերցրեց անձնագրերը, խոստանալով բոլորի համար գրանցում ապահովել, կերակրել, աշխատավարձը վերջում տալ։ Ուզբեկները կես տարի աշխատեցին, բայց երբ աշխատանքն ավարտեցին, Չուբարովը փողը չտվեց, չգրանցեց նրանց, ոստիկանություն կանչեց, և շինարարները, որպես անօրինական աշխատողներ ուղարկվեցին հայրենիք։ Որոշ ժամանակ անց Չուբարովի տունը, ուր Չուբարովը ցավոք սրտի դեռ չէր ապրում, բռնկվեց ու քամուց արագ այրվեց։ Պետք է ասել, որ բնակիչներից և ոչ մեկը, ներառյալ Սեմիգուդիլովը, չդատապարտեց տունը այրողներին, որոնց փնտրում էր ու չգտավ ոստիկանությունը, քանի որ բոլոր կասկածյալները վտարված էին նախքան հրդեհը։ Բայց ես շեղվեցի, վերադառնում եմ Սեմիգուդիլովին։ Նա քայլում էր փայտը բռնած գավազանի պես, ոչ թե հենվելով նրա վրա, այլ իր առջև դնելով։ Խորասուզված մտքերի մեջ, նա չլսեց, որ մոտեցանք իրեն։ Ու երևի չէր տեսնում մեր մեքենայի թարթող լապտերը: Պաշան՝ վարորդը, դանդաղեցրեց ընթացքը և որոշ ժամանակ գնում էր նրա ետևից, իր զայրույթն արտահայտելով ղեկը բաց թողնելով, ձեռքերը թափահարելով, հայհոյելով ու դեպի մեզ շրջվելով․ «Ոչխարի մեկը, հիմար»։ ― Ինչո՞ւ ես հայհոյում, չդիմացավ Զինուլյան։ ― Չե՞ս կարող շչակով ազդանշան տալ։ ― Չէ, ի՞նչ ես ասում, պատասխանեց Պաշան։ Գիշեր է չէ։ Մարդիկ քնած են։ Նա թարթեց լուսարձակներով։ Սեմիգուդիլովը շարունակում էր իր անշտապ զբոսանքը։ Պաշան միացրեց շչակը և անմիջապես անջատեց։ Շչակը վնգստաց վիրավոր շան նման ու ձայնը կտրեց։ Սեմիգուդիլովը վախեցավ ու մի կողմ թռավ։ Մենք հավասարվեցինք նրան, ես խնդրեցի վարորդին առաջ չանցել և գլուխս դուրս հանելով պատուհանից բարձր ձայնով ասացի․ ― Ողջույն կեսգիշերայինին։ Նա նորից ցնցվեց, բարձրացրեց գլուխը և ճանաչելով ինձ, ընկրկեց այնպես, կարծես սատանա տեսավ ու ասաց․ Հեռու ինձնից, հեռու։ Ես չզարմացա։ Ես սովոր էի, որ նա ինձ չար ոգու տեղ է դնում։ Միևնույն ժամանակ, ես պետք էի նրան, որպես ընդդիմախոս հայրենիքի, աշխարհի և աշխարհակարգի մասին իր տանջալից մտորումներում։ Նրա կինը հարբեցող է, տղան՝ հիմար, մեծ աղջիկը նոր է ժամկետ ստացել պոռնկատուն պահելու և թմրանյութ վաճառելու համար, իսկ փոքրը, որը քիչ թե շատ նորմալ է, ապրում է Փարիզում։ Բայց ընտանիքի մասին նա համարյա չի մտածում, որովհետև տանջվում է Ամերիկայի, միասեռականության, մասոների, հրեաների և լիբերալների գոյությունից։ Հրեաներին ու ազատականերին մեզ մոտ ներկայացնում եմ ես, բայց նրա միակ ընդդիմախոսը չեմ։ Իր անվերջանալի ու բոցաշունչ վեճերը կախարդվածների հետ վարում է ռադիոյով ու հեռուստատեսությամբ։ Եվ միշտ, ինչպես ցույց են տալիս հաշվիչները հաղթում է մեծ առավելությամբ։ Նախկինում դա ինձ զարմացնում էր։ Մի՞թե, մտածում էի ես, մեր ժողովուրդը իսկապես այնքան մութ ու հիմար է, որ առանց քննադատական վերաբերմունքի կուլ է տալիս այդ խաբեությունը։ Բայց իրազեկ մարդիկ բացատրեցին, որ ձայները հաշվում են երկու ատամնավոր հաշվիչներ։ Մի հաշվիչը տվյալները փոխանցում է փոքր անվից դեպի մեծը, իսկ մյուսը՝ մեծից փոքրը։ Ոմանք էլ համոզված ասում են, որ դա հիմարություն է, որ հատուկ անիվների անհրաժեշտություն չկա, ժողովրդի մեծամասնությունը առանց հաշվիչների էլ երկու պատասխանից կընտրի ամենահիմարը։ Ինչո՞ւ ես գիշերը թափառում, անքնությո՞ւն ունես, ինչ է։ Ինչպե՞ս քնեմ, ― հոգոց հանելով ասաց նա։ Ինչպիսի՜ երկիր կորցրինք։ Նա նկատի ունի ԽՍՀՄ֊ի փլուզումը առանձին պետությունների իննսունմեկին։ ― Հիշեցի, ― ասում եմ, ― երբ է դա տեղի ունեցել։ ― Այն ժամանակից էլ չեմ քնում, ― պատասխանում է նա։ ― Իզուր, ― ասում եմ նրան։ ― Երբեմն ուղեղին հանգիստ է պետք, թե չէ չափից ավելի կտաքանա։ ― Դե իհարկե, դուք լիբերալներդ հույս ունեք, որ մեր ուղեղը կքնի ու կքայքայվի, բայց մենք դեռ ոտքի կկանգնենք, կուղղվենք, և դուք կտեսնեք ժողովրդի հզոր ցասումը։ ― Եվ չլսելով ինձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր ասածները հազիվ թե ինձ համոզեն, շարունակում է ամեն ինչ իրար խառնելով․ ― Կողոպտել են, թռցրել, մաս֊մաս արել։ Երկիրը կործանվում է, բանակը նվաստացած է, ժողովուրդը քանի գնում աղքատանում ու հարբեցողությամբ է զբաղվում։ Վերջին տասնամյակների պատմության հանդեպ իր համախոհներին հատուկ հայացք ունի։ Մեծ ու հզոր պետություն գոյություն ուներ։ Բայց երկու մարդ՝ Գորբաչովն ու Ելցինը, քանդեցին երկիրը, զինաթափեցին բանակը, ոչնչացրին արդյունաբերությունը, չքավորության հասցրին ժողովրդին, զրկեցին հավատից ու հույսից։ Երբեմն այդ անուններին նա ավելացնում է Գայդարին ու Չուբայսին։ Լրացված ցուցակի մեջ պատահում է ես էլ եմ հայտնվում, մի մարդ, որը մեղմ ասած, ոչ մի լիազորություն չուներ։ Երբեմն էլ, բանավեճից ոգևորված, նա ինձ ավելորդ ինքնահավանության պատրվակ է տալիս, ցուցակից հանելով բոլոր չարագործներին ու ասելով, որ ես քանդեցի երկիրը։ Ես պետք է որ հպարտանայի դրանով։ Բայց առայժմ, ինչով ասես, այդպիսի մոլուցքով, ինձ թվում է, չեմ տառապում։ Ես փորձում եմ տրամաբանորեն վիճել։ Ասում եմ, այդ ի՞նչ պետություն էր, որքա՞ն հզոր էր, եթե կարողացան քանդել մեկ֊երկու, դե թող լինի մի հարյուր լիբերալ։ Նա միանգամից պատասխանում է, որ այդ մարդիկ, ես էլ այդ թվում, պետությունը քանդողները, գործում էին ոչ թե հենց այնպես, անշահախնդիր, այլ ամերիկացիների աջակցությամբ և Պենտագոնի, Պետդեպի, Զբիգնեվ Բժեզինսկու ու Ջորջ Սորեսի փողերով։ Համատեղելով անհամատեղելին, նա մեծ սպասումներ ունի Պերլիգոսից, որը հասնելով գերագույն պաշտոնին, ստիպեց մեզ երգել հին երգը, ուղղեց դեռ թույլ ու չկայացած դեմոկրատիան, ուղղահայաց ու սուվերեն դարձրեց այն, ինչը սեմիգուդիլովների գաղափարակիցների միջավայրում հույս առաջացրեց, որ հնարավոր է գոնե մասնակի վերականգնել լիբերալների կորցրած նախկին կարգերն ու վերածնել Իմպերիան, բայց ոչ թե Սովետական, այլ Ռուսական։ Այդ մասին նա ոչ միայն երազում էր, այլ նույնիսկ ինչ֊որ բան էր անում։ Իր համախոհների հետ մտավ կիսաօրինական «Բազեներով որս» ակումբը, այնտեղ նրանք նախագծում են Մեծ Ռուսաստանի վերածնման անիրականանալի պլանները, որտեղ բացի Ռուսաստանից պետք է մտնեն Ուկրաինան, Բելոռուսիան, մասնակիորեն նաև Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Հյուսիսային Ղազախստանը։ Բազեների որսով զբաղվողները համարում են, որ պատմական արդարությունը պահանջում է Ռուսաստանին վերադարձնել այդ տարածքները, կառուցել մեծ ռուսական աշխարհ, որը, ինչպես մարգարեում էր հաշմանդամ Վանգան (ի դեպ, ես մոռացա Բուլղարիայի մասին), միանալով, կդառնա երկրագնդի նյութական, ռազմական և հոգևոր այն ուժը, որը կհրապուրի ու կձգի մնացյալ բոլոր ժողովուրդներին։ Նա միշտ այնպես է խոսում է ինձ հետ, կարծես նրա մահացու թշնամին եմ, բայց համոզված եմ, որ առանց ինձ նա չի կարող ապրել։ Ես մտածում եմ, որ եթե մի դիպվածով հնարավորություն ունենար գնդակահարել ինձ, անձամբ կգնդակահարեր, բայց հետո անպայման կափսոսար, որ զրկվեց հարմար ընդդիմախոսից։ Երբեմն, երբ որևէ տեղ եմ մեկնում, ինչպես պատմել է ինձ Շուրոչկան, հաճախ թափառում է մեր դարպասի մոտ, երբեմն էլ չի դիմանում ու կարծես հենց այնպես հարցնում է․ լսիր, գեղեցկուհի, պարոնդ ե՞րբ է վերադառնալու։ Ինձ լուրեր են հասել, որ նա ոչ թե իմիջիայլոց է շփվում Շուրոչկայի հետ, այլ վարում է երկար զրույցներ, երբ բացակայությանս ժամանակ միասին ման են գալիս Շուրոչկան՝ Ֆյոդորի, իսկ նա իր Ռեքսի հետ։ Անվանելով ինձ պարոն, նա նկատի ունի, որ ես ապրում եմ կուշտ ու շքեղ, երևի ուզում է ազդել Շուրոչկայի դասակարգային ենթագիտակցության վրա։ Իր ասելով, նա վարում է համեստ, համարյա ճգնավորի կյանք։ Չնայած ապրում է երեք հարկանի քարե ամառանոցում, ման է գալիս «Մերսեդեսով», որը վարում է, հայտնի չէ թե ում փողերով և որ նվաճումների համար՝ պետական վարորդը։ Բացի դրանից ունի անշարժ գույք Մայամիում ու Ռիգայում, նաև երկու ռեստորան, որոնք գրանցված են մեծ աղջկա անունով, այն աղջկա, որը նստած է բանտում։ Միևնույն ժամանակ իրեն ներկայացնում է որպես միայն հոգևոր հետաքրքրություններով ապրող անշահախնդիր մարդ․ նրա երազանքն է մեծ ու սարսափելի Ռուսաստանը, որն արդեն ուղղվել է և շուտով ոտքի կկանգնի հսկայի իր ողջ հասակով, որքան էլ որ խանգարեն Ամերիկան, Գեյրոպան, մասոններն, հրեաներն ու լիբերալները։ Դուք հրեաներդ, ասում է նա ինձ։ Երիտասարդ ժամանակ ինձ հաճախ էին հրեայի տեղ դնում, որովհետև սև գանգուր մազեր ու կոր քիթ ունեի։ Ես երբեք չէի ժխտում ու ոչինչ չէի ապացուցում։ Բայց մի անգամ ասացի նրան, որ ես դեմ չեմ հրեա լինելուն, բայց հանուն արդարության հաղորդում եմ, որ ես այն չեմ ինչ նա կարծում է։ Իմ Պրոկոպովիչ ազգանունը տերտերական է, իմ նախնիներս մինչև պապուպապս քահանաներ էին Սամարայի մարզի Չիլդյաեվո գյուղում, իսկ պապս դարձավ բոլշևիկ ու մինչև ձերբակալումը գլխավորում էր Ակտիվ անհավատների միությունը։ Իմ մայրը, Պոլինան, հայրական ազգանունը Նեչիպորենկո, կուբանյան կազակներից էր, իսկ նրա հայրը, այսինքն մյուս պապս, ընդհակառակը, կռվում էր բոլշևիկների հետ և քսան թվականին նրան գնդակահարեցին չեկիստները։ ― Այնպես որ, ― ասում եմ Տիմոխային, ― դու շատ ես սխալվում, կարծելով, որ ես հրեա եմ։ ― Չեմ սխալվում, ― պատասխանում է նա առանց շփոթվելու, ― ով ես դու արյամբ ինձ համար միևնույն է, ինձ համար հրեան ոչ թե ազգություն է, այլ աշխարհայացք։ Ընդունում եմ, լինում են լավ հրեաներ։ Բայց շատ հազվադեպ։ Դու նրանց թվում չես։ Երբ նրա մոտ հայտնաբերեցին քաղցկեղ, նա մեկնեց Իսրայել բուժվելու։ Վերադարձավ շատ տպավորված։ Հիացած։ Ես հարցրի նրան փոխե՞լ է արդյոք իր կարծիքը հրեաների մասին։ Նա զարմացավ ― այդ ինչո՞ւ։ Որովհետև այդ նույն հրեաները, ինքդ ասացիր, քեզ լավ ընդունեցին և բուժեցին։ ― Ինձ, ― առարկեց նա, ― բուժում էին ոչ թե հրեաները, այլ իսրայելցիք։ Քաջ ու արժանի մարդիկ, այլ ոչ թե լիբերալները։ Ակն ընդ ական նրանց փիլիսոփայությունը՝ ինձ շատ հարազատ է։ ― Ինչո՞ւ չմնացիր այնտեղ, ― հարցրի ես նրան։ ― Հույս չունենաս, ― ասաց նա։ ― Ես այստեղի մարդ եմ։ Ռուսաստանում ստեղծված։ Ես պայքարելու եմ Ռուսաստանի համար։ Մինչև վերջին շունչս։ Դուք ժողովրդին կործանեցիք, նվաստացրիք, նրա վերջն եք տալիք, բայց մենք, հայրենասերներս, մենք մեր ուզածին կհասնենք։ Այսպես է ասում, բայց նրա խոսքերը ոչինչ չեն նշանակում։ Ժամանակին խոստանում էր մինչև վերջին շունչը կռվել սովետական իշխանության համար, բայց պայքարում էր միայն փակ կուսակցական ժողովներում, իսկ երբ ամեն ինչ քանդվեց, մի հեռու տեղ պահելով իր տոմսը որոշ ժամանակ իրեն նույնիսկ դեմոկրատ անվանեց։ Իր դեմոկրատ լինելը շուտով մոռացավ, սկսեց պնդել (նույն հրեական կոնտեքստում), որ միշտ ատել է բոլշևիկների ստեղծած սովետական իշխանությունը, բայց երկրպագել է Ստալինին, նրա ղեկավարության սկզբնական շրջանը համարել և համարում է փայլուն հաղթանակների ու իմպերիալիստական ուժի ժամանակաշրջան, որը ինքն ու իր համախոհները անպայման կվերականգնեն։  ==Նույն զառանցանքը== Երբ նա խոսում էր այն մասին, որ իրենք, հայրենասերները, իրենց նպատակին կհասնեն, մենք հասանք խոչընդոտին՝ մեր ավանի սահմանին։ Այստեղ բաժանվեցինք, ինչպես միշտ հրաժեշտ չտալով։ Նա ետ գնաց, ես՝ առաջ։ Նկատի ունեմ այդ բառերի ոչ թե սիմվոլիկ, այլ իրական նշանակությունը։ Ես գնացի առաջ, մտածելով Սեմիգուդիլովի մասին: Նա պատկանում է այն մարդկանց թվին, որոնք ծառայելով ցանկացած ռեժիմին ստանում են բազմաթիվ արտոնություններ, միաժամանակ գողություն անելով, համարում են իրենց ճշմարտախոս, հայրենասեր, ժողովրդի ցավով ապրող, կարծում են, որ իշխանությունը բավականաչափ չի գնահատում իրենց հերոսությունը։ Երբ տեղից շարժվեցինք, Պաշան միացրեց ռադիոն, և եթերում նորից լսվեց Սեմիգուդիլովի ռնգային ձայնը, որը ծնկից ելնելու մասին ինչ֊որ բարձրագոչ հայրենասիրական բաներ էր ասում, հայտարարում աստվածային մտադրության մասին, որը տանում է Ռուսաստանին ծուռումուռ ճանապարհով, բայց միշտ դուրս է բերում ճշմարիտ ուղու վրա, որ ամենածանր ակնթարթին աստված ուղարկում է նրանց ուղեկցորդի, որը իր ամուր ձեռքը վերցնելով պատմության սանձը տանում է Ռուսաստանը դեպի հարստություն, բարգավաճում, նոր տարածքների նվաճում, որոնք անհրաժեշտ են պաշտպանության համար, բայս ըստ էության ծիսային են։ Լսելով այդ զառանցանքը, ես ինքս սկսեցի զառանցել, ու թե ինչ եղավ հետո, չեմ կարող ճշգրիտ պատմել։ Ճանապարհին ես մեկ քնում էի, մեկ կորցնում գիտակցությունս, մեկ զառանցում, կարճ ժամանակով խելքի գալիս, հետո նորից անջատվում, ու նորից ու նորից ինձ այցելում էին ինչ֊որ տարօրինակ տեսլիքներ, որոնք չէի կարողանում տարբերել իրականությունից։ Ինձ հետ կատարված բոլոր իրադարձությունները այժմ շարադրում եմ այն հերթականությամբ, որով հիշողությունիցս կորզում եմ, իսկ թե որն եմ երազում տեսել, որն է տեսիլք, և որը զառանցանք, երևակայություն թե իրականություն, չեմ կարող ասել, եթե ուզում եք փորձեք ինքներդ որոշել։ Հաղորդումը վարում էր հայտնի Վովիկ Ինդյուշկինը։ Նա հայտնի էր նրանով, որ միշտ ստում է ու երբեք չի ստում և ամենից շատ գնահատում է իր համբավը։ Հնարավոր է, համբավի մասին նույնիսկ չի ստում, իսկ դատելով նրա հաղորդումներից, իսկապես ինչ ունի այն էլ գնահատում է։ Բացի Սեմիգուդիլովից հաղորդմանը մասնակցում էին կոմունիստ Զյուզյուկինը, որը հայտնի էր ժողովրդին Զյուզյու մականունով, համակարգի մաս կազմող լիբերալ֊նացիոնալիստ Պոնոսովը (Պոնոս) և հավասարության տպավորություն թողնելու համար ոչ սիստեմային ընդդիմության ներկայացուցիչ և իմ երիտասարդ ընկեր Վիտալի Ցիպոչկինը, որին Ցիպա էին անվանում։ «Տեսանկյուն ու փչանկյուն» հաղորդման ընթացքում նրանք վիճում էին, թե ով է ավելի լավը․ Լենի՞նը թե Ստալինը, Գորբաչո՞վը՝ թե Ելցինը։ Առաջին երկու վիճողները համամիտ էին որ և՛ Լենինը և՛ Ստալինը՝ երկուսն էլ լավն էին, բայց Ստալինը միևնույն է ավելի լավն է։ Լենինը պետության հիմքը դրեց, Ստալինը այդ հիմքի վրա հզոր պետություն կառուցեց, իսկ Գորբաչովը ամերիկացիների հրահանգով կառուցածը քանդեց հարբեցող Ելցինի օգնությամբ։ Ընդդիմադիրը փորձում էր առարկել, բայց երբ բացում էր բերանը, վարողն ու ընդդիմախոսները սկսում էին գոռգոռալ ինչ֊որ հայրենասիրական բաներ, որպեսզի հանդիսատեսը ոչինչ չլսի ու չհասկանա, բայց նա հասցրեց ասել, որ Լենինը ուղեղի սիֆիլիս ուներ, իսկ Ստալինը հոգեկան հիվանդ էր, որ երկու ախտորոշումն էլ ակադեմիկոս Բեխտյարևն էր արել։ Երկրորդ ախտորոշումից հետո, հենց այդ պատճառով, ակադեմիկոսը թունավորվեց պահածոներով և վախճանվեց։ Զյուզյուն ասաց Լենինի մասին, որ նա մարդկության առաջնորդն էր ու անկրկնելի հանճար, Սեմիգուդիլովը ընդհանուր առմամբ նրա հետ համաձայն էր, բայց նկատեց, որ Ստալինն շատ ավելին արեց։ Նա վերականգնեց Իմպերիան, մեծ կառույցներ իրականացրեց, հաղթեց պատերազմը և Ռուսաստանը տիեզերք դուրս բերեց։ Ցիպան հասցրեց բղավել, որ պատերազմը հաղթեց ոչ թե Ստալինը, այլ ժողովուրդը, որին մեծ քանակությամբ ոչնչացնում էր Ստալինը, և որ նրա ահռելի կառույցները հիմնված էին ճորտերի աշխատանքի վրա։ ― Այո, ― համաձայնեց Սեմիգուդիլովը, ― մենք ճորտեր ենք, ճորտի հոգեբանություն ունենք, բայց դրանում ոչ մի ամոթալի բան չկա։ Ճորտերն էլ ունեն սեփական արժանապատվության զգացում և կոմպենսացնում են իրենց անազատությունը ստեղծարարությամբ։ Ճորտերն են կառուցել Քեոպսի բուրգը, Վասիլի Բլաժենիի եկեղեցին, ճանապարհ հարթել դեպի տիեզերք։ Մեզ մոտ ճորտություն էին անում և՛ գյուղացիները, և՛ բանվորները, և՛ մտավորականներն ու գիտնականները։ Մենք բոլորս մեծ երկրի ճորտերն էինք, դրանում ոչ մի վիրավորական բան չկա։ Մեծ ուժին պատկանող ճորտ լինելը ամոթ բան չէ։ Չէ՞ որ մենք մարդուն, նույնիսկ եթե նա ցար է, անվանում ենք աստծու ծառա։ Իսկ եթե պետությունը մեծ է ու հզոր, նա ինքը՝ Աստված է։ Մեծատառով։ Ճորտ լինելով, Տուպոլևը ստեղծում էր հիանալի ինքնաթիռներ, իսկ Կորոլյովը նախագծում արբանյակներ։ Մեր գիտնականները չէին ընկնում արտասահմանյան դրամաշնորհների ետևից, աչք չէին գցում նոբելյան մրցանակներին։ Նրանք սիրում էին Հայրենիքը և Ստալինին, չէին բաժանում այդ երկուսին միմյանցից։ Նստած իրենց աշխատատեղում մի ափսե ճաշի համար մեծ հայտնագործություններ էին անում և ամրացնում մեր մեծ երկրի հզորությունը, որը քանդեցին Գորբաչեվը, Ելցինը ու քեզ ու Ցիպոչկինի նմանները։ Հետո Սեմիգուդիլովը գրավեց միկրոֆոնը և երկար ժամանակ մենակատարի դերում էր, խոսելու ոչ մի հնարավորություն չտալով զրուցակիցներին։ Լսելիս, ես փակեցի աչքերս, միգուցե նույնիսկ քնեցի, բայց կարող եմ նրա բոլոր ասածները կրկնել, և գրազ կգամ որ շատ չեմ սխալվի։ Նրա մեկնաբանությամբ ամբողջ մարդկային հանրությունը բաժանվում է առաջնորդների, որոնք շատ քիչ են, և հետևողների, որոնք մեծամասնություն են կազմում։ Առաջնորդները նրանք են, որոնք պատրաստ են գլխավորելու, կառավարելու, իրենց վրա վերցնելու պատասխանատվությունը, իսկ հետևողը՝ ժողովուրդն է, որն աշխատում է, ազգային արժեք ստեղծում, հաղթում պատերազմներում, բայց միայն առաջնորդների ղեկավարությամբ։ Հետևողները առանց առաջնորդների ոչ թե ժողովուրդ են, այլ կույր հոտ, որը չի գտնի կերակուր, կմոլորվի, անդունդը կընկնի, ինչն էլ լիբերալների երազանքն է։ Բայց առաջնորդներ ունեցող հոտը դառնում է կազմակերպված ուժ, որը կարող է անձնազոհ աշխատել, կռվել, լուռ զոհվել և առաջնորդների կանչով աղբ դառնալ հարազատ հողը պարարտացնելու համար, նրանք հենց դրանում են տեսնում իրենց առաքելությունը։ Ստալինի չարագործությունները Տիմոխան չի ժխտում, բայց համարում է դրանք Ռուսաստանի համար անշուշտ շատ օգտակար։ Այո, եկեղեցիները քանդում էին, այո, հոգևորականներին գնդակահարում, բայց նրանք պետք է անցնեին այդ փորձությունների միջով, ինչպես Քրիստոսը անցավ խաչի տանջանքները։ Այո, մտավորականներին նստեցնում էին, բայց նրանք պետք է պատասխան տային իրենց փտած պատմական դերի համար, ժողովրդին անհանգստացնելու ու գայթակղելու համար։ Այո, եղել է Գուլագ, որովհետև երկրի առջև մեծ խնդիրներ էին կանգնած։ Պետք էր կառուցել քաղաքներ, ամբարտակներ, ջրանցքներ, երկաթգծեր։ Այդ ամենի համար անհրաժեշտ էր էժան աշխատուժ։ Այո, պատերազմից առաջ ոչնչացվեց զինվորական վերնախավը, բայց դա անհրաժեշտություն էր, որովհետև կարմիր մարշալները, այդ բոլոր Տուխաչևսկիները, Բլյուխերներն ու Յակիրները իրենց ազգային հերոսներ էին զգում, ինքնուրույն ֆիգուրներ, նրանք դժգոհ էին ստալինյան ղեկավարությամբ և կարող էին վտանգ ներկայացնել նրա համար։ Իսկ բոլշևիկների գնդակահարության համար պետք է հատուկ շնորհակալություն հայտնել Ստալինին, որ ոչնչացրեց այդ գերմանական լրտեսներին, Ռուսաստանը կործանողներին։ Ասում են, որ իսրայելական քննիչները, երբ պատրաստում էին Ադոլֆ Էյխմանի՝ նացիստական հանցագործի, խոլոկստի հեղինակի դատավարությունը, այսպիսի փորձ կազմակերպեցին։ Տվեցին նրան անհայտ մարդկանց լուսանկարների մի կապոց, որոնց մեջ կային և նորմալ մարդիկ և հանցագործներ։ Առաջարկեցին ընտրել ամենահաճելիներին, և նա անսխալ ընտրեց հանցագործներին։ Ես կարծում եմ, որ եթե Սեմիգուդիլովի հետ անցկացվի այդպիսի փորձ, ապա արդյունքը շատ նման կլինի։ Համոզված եմ, որ բոլոր նրանք, ովքեր արդարացնում են Ստալինի չարագործությունները կամ տգետներ են կամ հիմարներ, կամ էլ քրեական հակումներ ունեցող մարդիկ։ Այժմ չարագործին համոզված սիրողների թիվը պակասել է, բայց միևնույն ժամանակ ավելացել են հիմարության պատճառով սիրողները։ Սովետական ժամանակաշրջանում հանդիպել եմ բազմաթիվ կուսակցական աշխատողների, չեկիստների, բանտային պահակների, որոնք ստեղծել են իրենց կարիերան ժողովրդի դժբախտության վրա։ Որպես օրենք այդ բոլոր մարդիկ չար, ստախոս, գող մարդիկ էին։ Եթե կոմունալ բնակարանում այդպիսի մարդ էր հայտնվում, նրանից ամեն ինչ սպասելի էր։ Նա կարող էր կաթսայի մեջ կեղտ լցնել, կամ կեղծ մատնություն գրել, կամ որևէ բան գողանալ, կամ՝ իր հարազատ փոքրիկ աղջկան բռնաբարել։ Ի դեպ, ժամանակին Սեմիգուդիլովի մասին այդպիսի լուրեր էին պտտվում։ Նրա հանդեպ նույնիսկ քրեական գործ էին հարուցել, որը սակայն շուտով փակեցին։ Հաշվի առնելով նրա հասարակական ակտիվությունը, հարենասիրությունը, և ինչպես ասվում էր նրա հիսունամյակին նվիրված հոբելյանական հոդվածում՝ անխախտ հավատը կոմունիստական իդեալներին և անսահման նվիրվածությունը կուսակցությանն ու կառավարությանը։ Քառորդ դար հետո նրան նվիրված գովաբանական հոդվածում նշվում էր նրա նվիրվածությունը ռուսական իդեային ու կրոնական ակտիվությունը։ Հանրային քննարկումների ժամանակ լիբերալները միշտ պարտվում են Սեմիգուդիլովին, ոչ միայն հատուկ անիվների շնորհիվ, այլ նաև այն պատճառով, որ Ստալինի մասին քննարկումների առկայությունը, համոզում են հանդիսատեսին, որ այդ անձի ու դերի մասին հարցերը համենայն դեպս վիճելի են։ Խորասուզվելով մտքերիս մեջ չնկատեցի, թե ինչպես Սեմիգուդիլովը անցավ մեր առաջնորդ Պերլիգոսին, որին ծանր րոպեին ուղարկեց մեզ ինքը՝ Աստվածը, Ռուսաստանը փրկելու համար։ Այդ մեծագույն մարդը, բոլոր նախորդներից միակն է, որին կարելի է հավասարեցնել Ստալինին։ Ղեկավարության հանդեպ կեղծավորության տարբեր տեսակներ կան։ Մարդիկ որոնք ուզում էին հաճոյանալ Ստալինին անվանում էին նրան մեր սիրելի առաջնորդ, մեծագույն ընկեր Ստալին, իսկ ամեն մի պատրվակով հիշել նրա մտքերը պետք էր այսպես․ «Ինչպես նկատեց իմաստուն ընկեր Ստալինը»։ Խրուսչովին ու Բրեժնևին ավելի պարզ էին անվանում։ Մեր թանկագին Նիկիտա Սերգևիչ, մեր թանկագին Լեոնիդ Իլյիչ, իսկ նրանց բոլոր ցուցումները գնահատվում էին որպես ճշմարտագույն, արդար, պարզ, ժամանակին ասված։ Այսօրվա կեղծավորը, հիշելով վերադասին, անպայման անվանում է նրան անունով, հայրանունով, ազգանունով։ Բայց Սեմիգուդիլովը նախընտրում է սովետական ժլատ կեղծուցությունը։ Նա Առաջին դեմքին անվանում է միայն ազգանունով, բայց վերագրում է նրան բնավորության այնպիսի գծեր ու ունակություններ, որոնք ավելի պարզ կեղծավորի մտքով նույնիսկ չեն անցնի։ Այժմ, ասում է Սեմիգուդիլովը, ստալինյան հատուկ կտրականությունը (միգուցե) անհրաժեշտություն չէ (առայժմ), բայց Պերլիգոսը գործում է բավական կոշտ և ճիշտ է անում։ Դա անհրաժեշտություն է, որպեսզի գոնե մասնակի ուղղի լիբերալների ղեկավարության կործանարար հետևանքները։ Նա, ինչպես Վլադիրմիր Կրասնո Սոլնիշկոն հույս տվեց Ռուսաստանին, ինչպես Իվան Կալիտան՝ ռուսական հողեր հավաքող է, ինչպես Պետրոս Առաջինը վերադարձնում է Ռուսաստանին հարգանքը։ Եվ վերջնականապես կվերադարձներ, եթե չլիներ հինգերորդ շարասյունը (նույն մասոնները, հրեաները, լիբերալները), նաև խանգարում է նրա մարդասիրությունը։ Մարդասիրությունը՝ դա նրա հազվադեպ թույլություններից է։ Միևնույն ժամանակ նա մնում է հմայիչ մարդ, աշխույժ, մոլի խաղացող, տղայի նման հետաքրքրասեր կյանքի նկատմամբ իր բոլոր ձևերով։ Նայեցեք, ասում է Սեմիգուդիլովը, զարմանալի է, թե ինչպես է նա ամեն ինչ հասցնում։ Անընդհատ ճանապարհորդում է երկրով և ողջ աշխարհով, զբաղվում է սպորտով՝ ձիավարությամբ, մոտոցիկլետ է քշում, չմուշկներով սահում, թռչում կործանիչներով, ստրատեգիական ռմբակոծիչներով ու դելտոպլաններով, մասնակցում է հրշեջ աշխատանքներին, իջնում ջրի տակ, զբաղվում հազվագյուտ կենդանիների պաշտպանությամբ և այդ ամենը փաստագրված է լրագրողների հոդվածներում և տեսանյութերում, որոնցում պատկերված է նրա շփումը սպիտակ արջերի, ամուրյան վագրերի, նիլյան կոկորդիլոսների հետ։ Հետաքրքրական է, որ հավակնելով խիզախ ճմարտախոսի և նույնիսկ ճշմարտության համար պայքարողի համբավին, Սեմիգուդիլովը խորամկորեն կարողանում էր բոլոր սովետական առաջնորդների մասին սկսած Խրուսչովից, նրանց իշխանության օրոք մի առանձնահատուկ լավ բան ասել, իսկ նրանցից հետո ասել հակառակը։ Բայց ոչ մեկին այնպես չէր հաճոյախոսել, ինչպես այժմյանին։ Հիմա, երբ ես իմ մեջ տանում եմ լուն, նա անցնելով մի թեմայից մյուսը, առաջարկեց ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ առաջին դեմքը խորհում ու գործում է մեզ համար անհասանելի մի ինչ֊որ մեթոդով, միշտ կայացնում է անսպասելի, պարադոքսալ, մեզ մոտ կասկածներ և մերժում առաջացնող որոշումներ, բայց հետո պարզվում է որ նրանք միակ ճիշտն էին։ Նրան կարելի է համեմատել մեծագույն շախմատային գրոսմայստերների հետ։ Նա այնպիսի քայլեր է անում, որ միջին շախմատիստին շոկի մեջ է գցում, իսկ հետո՝ մեկ֊երկու և մատ։ Եվ ծափահարությունների պայթյուն։ ― Մեր մտածելակերպին, ― ասում է Սեմիգուդիլովը փառաբանելով իր գրոսմայստերին, ― անհասանելի է նրա մտքերի ընթացքը և գործելու տրամաբանությունը, որովհետև նա ոչ թե հասարակ մարդ է, և նույնիսկ ոչ միայն հանճարեղ մարդ, գուցե նա ընդհանրապես մարդ չէ, այլ շատ ավելին, բարձրագույն էակ, որի առաքելությունն է կառավարել ոչ միայն մեզ, այլ գուցե ավելին՝ ողջ կենդանական աշխարհին։ Ահա թե ինչ ասաց։ Բայց մարդկության, կենդանիների և մնացյալ ամեն ինչի ղեկավարի տեղը զբաղեցնում է Տեր Աստվածը, որը կարծես թե իր պաշտոնը չի պատրաստվում զիջել որևէ մեկին (ահա թե որտեղ չկա ժողովրդավարության նշույլ), ― ես, իհարկե, մտովի եմ առարկում։ Եթե Տիմոխան կանգ առներ դրա վրա։ Բայց ոչ․․․ ― Մենք, ― ասում է նա, չափազանց հուզված, ― պատկերացնում ենք նրան որպես պետական ծառայող, որը նստած կրեմլում ընդունում է նախարարներին, պարգևներ հանձնում, և կարծում ենք նրա համար դա կարևոր է։ Իսկ նրա համար դա սովորական մանր աշխատանք է, որը շեղում է նրան իր հսկայական, անհավանական, մարդկային ուղեղի համար անհասկանալի գործերից։ Դուք դեռ կտեսնեք, ինչպես նա կթռչի, ինչպես արծվի նման կբարձրանա անհավանական բարձության, ինչպես կուղղի հզոր թևերը, և ողջ աշխարհը, ամբողջ մարդկությունը, գլուխները վեր բարձրացրած, նրան կհառի հիացած հայացքը։ ― Ինչպիսի զառանցանք, ― չդիմանալով բացականչեցի ես։ ― Ի՞նչ, ― անհանգստացած վեր թռավ Զինուլյան։ ― Կարծես զառանցո՞ւմ եք։ ― Ոչ, ինձ թվում է, որ նա է զառանցում։ ― Այո, ― այդպես լինում է, ― ասաց Զինուլյան։ ― Ի՞նչ է լինում, ― անհանգստացած հարցրեց Վարվառան։ ― Երբեմն զառանցելիս մարդուն թվում է, որ ոչ թե ինքն է զառանցում, այլ ուրիշները։ Ես ուզում էի առարկել։ Բայց հետո մտածեցի, որ գուցե նա ճիշտ է։ Չէ որ հաճախ, պետք է խոստովանեմ, շատ հաճախ, այն ամենը ինչ կատարվում է շուրջս թվում է ինձ զառանցանք։ Զառանցանք են թվում պետության առաջին դեմքերի, խորհրդարանականների, եկեղեցական վերնախավի, մեղադրողների, դատավորների, հասարակ քաղաքացիների խոսքերը, մեծ թվով մտահղացումներ, օրենքներ, դատական որոշումներ՝ թվում է կայացրել են անմեղսունակ մարդիկ։ Անցյալում աշխարհի այդպիսի ըմբռնումը թվում էր ինձ նորմալ, իսկ այժմ ես հանկարծ մտածեցի․ եթե աշխարհը թվում է ինձ խելագար, գուցե մեղավորը ոչ թե աշխարհն է, այլ ես։ Ամբողջ աշխարհը խելագարվել է, իսկ ես նորմալ եմ, այդպես է թվում խելագարներին։ Եվ միևնույն է․․․ Երբ ես լսում եմ Պերլիգոսի մասին ամեն կողմից հնչող գովեստները, չգիտեմ ինչու հիշում եմ մի ժամանակ կարդացածս Հարրի Տրումենի մասին։ Երբ 1945 թ․ նա դարձավ պրեզիդենտ, նրա ընկերներից մեկը ասաց նրան․ «Հարրի, հիմա, երբ դու հասել ես քո կարիերայի գագաթնակետին, շատ մարդիկ կգտնեն քո մեջ բազմաթիվ արժանիքներ, որոնք անցյալում չէին նկատում։ Ամեն օր նրանք քեզ կասեն, որ դու ամենախելացին ես, ամենատաղանդավորը, ամեն ինչ գիտես և ընդհանրապես հանճար ես։ Բայց ես ու դու հո գիտենք, որ դա այդպես չէ»։ Այդ տեքստը ես կդնեի ոսկյա շրջանակի մեջ և կկախեի Ռուսաստանի ետռևոլյուցիոն բոլոր ղեկավարների աշխատասենյակներում։ Նրանք, ում հաջողվում էր իշխանության գագաթին մնալ մի տասնամյակ, հիվանդանում էին մեծության մոլուցքով և երևակայում, որ առանց իրենց Ռուսաստանը չի կարող գոյություն ունենալ։ Կարող է գոյություն ունենալ առանց նրանց։ Կարող է և նրանց հետ աշխարհում ունենալ իր արժանի տեղը։ Իմանալու համար, թե հատկապես որը, ես բացեցի այպադս ու գտա այնտեղ այսպիսի մի տեքստ․             <references/>
23
edits