Changes
/* 8 */
Այն գաղափարը, թե տարածությունը և ժամանակը կարող են մի փակ մակերես ստեղծել, որը սահման չունի, խոր նշանակություն ունի տիեզերական գործերում Աստծո խաղացած դերի հարցում։ Գիտական տեսությունների այն հաջողությունները, որոնք լավագույնս նկարագրեցին մեր շուրջ տեղի ունեցող դեպքերը, պատճառ եղան, որ շատերը հավատան, թե Աստված թույլ է տվել, որ տիեզերքը զարգանա մի շարք օրենքների համաձայն և այլևս չի միջամտում, որպեսզի այդ օրենքները չխախտվեն։ Սակայն այս օրենքները մեզ չեն ասում, թե ինչի նման պետք է եղած լիներ տիեզերքն իր սկզբնական շրջանում։ Աստված պետք է լարեր ժամացույցը և ընտրեր, թե ինչպես պետք է տիեզերքը սկիզբ առներ։ Քանի որ տիեզերքը սկիզբ է ունեցել, ապա մենք կարող ենք ենթադրել, որ այն ունեցել է իր արարիչը։ Սակայն, եթե տիեզերքն իրապես լրիվ ինքնապարփակ է, սահման և եզր չունի, չի կարող ոչ սկիզբ, ոչ էլ վերջ ունենալ, այլ այն պարզապես կա։ Ուստի այդ դեպքում արարչին այլևս անելիք չի մնում։
==9==
Ժամանակի նետը
Նախորդ գլուխներում մենք տեսանք, թե տարիների ընթացքում ինչպես են փոխվել ժամանակի մասին մեր ունեցած պատկերացումները։ Ընդհուպ մինչև մեր ունեցած պատկերացումները։ Ընդհուպ մինչև մեր դարասկիզբը մարդիկ համոզված էին, թե ժամանակը բացարձակ է։ Այսինքն՝ յուրաքանչյուր դեպք կարելի է համարակալել մի եզակի թվով, որը կոչվում է «Ժամանակ», և բոլոր ճշգրիտ ժամացույցները երկու հաջորդական դեպքերի միջև անցած ժամանակամիջոցի համար ցույց կտան նույն մեծությունը։ Սակայն այն հայտնագործությունը, թե լույսի արագությունը հաստատուն մեծություն է բոլոր դիտորդների համար՝ անկախ նրանց շարժման արագությունից, պատճառ եղավ հարաբերականության տեսության ստեղծման և եզակի, բացարձակ ժամանակի հասկացությունից հրաժարման։<ref>Ինչպես փորձն է ցույց տալիս, շարժվող լուսատու առարկան իրենից արձակված լույսի արագությանը չի կարող ավելացնել իր սեփական արագությունը։ Այսինքն՝ լույսի արագությունը միշտ հաստատուն է։ Իսկ քանի որ, համաձայն հարաբերականության տեսության, ամեն շարժում (բացի լույսի արագությունից) հարաբերական է (ինչպես ցույց է տալիս փորձը), հետևաբար գնացքով դեպի լույսի աղբյուրը շարժվող դիտորդին լույսն ավելի շուտ կհասնի, այսինքն նրա ժամացույցն ավելի կարճ ժամանակ ցույց կտա, քան կառամատույցում կանգնած մարդու ժամացույցը, որը նույն լույսն ավելի ուշ կտեսնի։ Դժբախտաբար, կառամատույցում կանգնած մարդը չի կարող գնացքի ուղևորի ժամացույցը տեսնել այդ բանը ստուգելու համար, սակայն հայտնի է, որ արագ շարժվող գնացքի պատուհանները նեղ են թվում։ Քանի որ տարածությունն ու ժամանակն իրար հետ կապված են, ապա ակնհայտ է, որ արագության աճի հետ տարածությունը կարճանում է, իսկ ժամանակը դանդաղում։ Իհարկե, փոքր արագությունների համար այս դանդաղումը հնարավոր չէ չափել, սակայն եթե գնացքը շարժվի լույսի արագության մոտ (300.000 կմ/վ) արագությամբ, ապա երկու տարի հետո ուղևորի տարիքը համարյա փոփոխության չի ենթարկվի։</ref>
Այսպիսով, ամեն դիտորդ ունի ժամանակի իր չափը, ինչը արձանագրում է դիտորդի ժամացույցը։ Պարտադիր չէ, որ տարբեր դիտորդների ժամացույցները նույն ժամանակը ցույց տան։ Մի խոսքով, ժամանակն առավել անհատական բնույթի հասկացություն է դարձել՝ կախված այն չափող դիտորդից։
Երբ փորձ արվեց գրավիտացիան միավորել քվանտային մեխանիկայի հետ, ապա հարկ եղավ ներմուծել «կեղծ» ժամանակի գաղափարը։ Կեղծ ժամանակը կախված չէ տարածության մեջ ուղղություններից։ Եթե հնարավոր է դեպի հյուսիս ուղղությամբ շարժվել, ապա հնարավոր է նաև հետ շրջվել և շարժվել դեպի հարավ․ նմանապես, եթե հնարավոր է կեղծ ժամանակով առաջ ընթանալ, ապա հնարավոր պետք է լինի շրջվել և շարժվել կեղծ ժամանակի հետընթաց ուղղությամբ։ Սա նշանակում է, որ որևէ էական տարբերություն չի կարող լինել կեղծ ժամանակի առաջընթաց և հետընթաց ուղղությունների միջև։ Իսկ «իրական» ժամանակում այդ տարբերությունը շատ մեծ է, ինչպես բոլորս գիտենք։ Որտեղի՞ց է գալիս անցյալի և ապագայի միջև առկա այս տարբերությունը։ Մենք ինչո՞ւ ենք անցյալը հիշում, բայց ոչ ապագան։<ref>Հիշել ապագան, նշանակում է, որ մենք հետ ենք գնում դեպի անցյալը, այսինքն՝ իրական ժամանակը փոխում է իր ուղղությունը։</ref>
Գիտության օրենքները ոչ մի տարբերություն չեն դնում անցյալի և ապագայի միջև։ Ավելի հստակ ասած, ինչպես վերևում բացատրվեց, գիտության օրենքներն անփոփոխ են C, P, և T համար։ (C ― նշանակում է մասնիկը փոխել հակամասնիկի, P ― նշանակում է վերցնել հայելապատկերը, այնպես, որ ձախն ու աջը փոխեն իրենց տեղերը, և T ― նշանակում է շրջել բոլոր մասնիկների շարժման ուղղությունները, այսինքն՝ շարժմանը տալ հետադարձ ուղղություն)։ Բոլոր սովորական վիճակներում նյութի վարքագիծը կառավարող գիտության օրենքներն անփոփոխ են մնում C և P համակցության ազդեցության դեպքում։ Այլ խոսքերով ասած, կյանքը նույնը կլինի մի այլ մոլորակի բնակչության համար, ինչպես մերը, որտեղ մարդիկ մեր հայելապատկերներն են ու կազմված են ոչ թե մեր նյութից, այլ հականյութից։
Եթե գիտության օրենքներն անփոփոխ են C և P գործողությունների համակցության, ինչպես նաև C, P և T համակցության ազդեցության դեպքում, պետք է որ անփոփոխ լինեն նաև T գործողության ազդեցության համար։ Այնուամենայնիվ, առօրյա կյանքում իրական ժամանակի առաջընթաց և հետընթաց ուղղությունների միջև շատ մեծ տարբերություն կա։ Պատկերացնենք սեղանին դրված մի բաժակ, որը սեղանից ընկնելով փշրվում է։ Եթե այդ բանը նկարահանենք ժապավենի վրա, ապա դիտման ժամանակ հեշտ է ասել՝ ֆիլմը առաջընթաց, թե հետընթաց ուղղությամբ է ցուցադրվում։ Եթե ցուցադրումը հետընթաց է, ապա կտեսնենք, թե ինչպես են ապակու կտորները հանկարծ ի մի հավաքվում, և հատակից ամբողջական բաժակը ցատկելով հայտնվում է սեղանի վրա։ Քանի որ իրական կյանքում այդպիսի բան տեղի չի ունենում, ուստի կասենք, որ ֆիլմը ցուցադրվում է հակառակ ուղղությամբ։ Արդարև, եթե այդպիսի բան տեղի ունենար, բաժակ արտադրողները կսնանկանային։
Թե ջարդված բաժակները ինքնակամ կերպով հատակի վրա ինչո՞ւ ի մի չեն հավաքվում և չեն ցատկում սեղանին, սովորաբար բացատրվում է նրանով, որ դա արգելվում է ըստ թերմոդինամիկայի երկրորդ օրենքի։ Վերջինիս համաձայն, փակ համակարգում անկարգությունը կամ էնտրոպիան աճում է ժամանակին զուգընթաց։<ref>Այսինքն ժամանակի ընթացքում տեղի են ունենում ինքնակամ պրոցեսներ, որոնք բերում են կարգուկանոնի նվազման, որի չափանիշն է էնտրոպիայի աճը։</ref> Այլ կերպ ասած, սա Մերֆիի օրենքի մի տարատեսակ է, ըստ որի «ամեն ինչ աշխարհում միշտ թարս է գնում»։ Սեղանի վրա գտնվող ամբողջական բաժակը ներկայացնում է կատարյալ կարգուկանոնի վիճակը, իսկ հատակին փշրված բաժակը գտնվում է անկարգ վիճակում։ Դժվար չէ կազմակերպել անցումն անցյալում սեղանի վրա գտնվող բաժակի վիճակից դեպի ապագայում փշրված բաժակի վիճակի, բայց ոչ հակառակը։<ref>Կարևոր չէ, թե ինչպես բաժակը վայր ընկավ, այլ այն, որ ջարդված բաժակի վերականգնումը չի կարող ինքնակամ կերպով տեղի ունենալ։ Այդ անելու համար աշխատանք պետք է կատարել, որի հետևանքով կառաջանա մի այլ անկարգություն, կամ, որ նույն բանն է, համակարգի էնտրոպիան կաճի առավել մեծ չափով։</ref>
Ժամանակին զուգընթաց անկարգության կամ էնտրոպիայի աճը ժամանակի նետ կոչվող հասկացության օրինակներից է․ այս հասկացությունն է տարբերում անցյալն ապագայից՝ ժամանակին ուղղություն տալով։ Կան ժամանակի առնվազն երեք տարբեր նետեր։ Առաջինը ժամանակի թերմոդինամիկական նետն է, որը ցույց է տալիս ժամանակի այն ուղղությունը, որում անկարգությունը կամ էնտրոպիան աճում է։ Երկրորդը ժամանակի հոգեբանական նետն է։ Սա այն ուղղությունն է, որով, ըստ մեր զգացողության, անցնում է ժամանակը, ուղղություն, որով հիշում ենք անցյալը, սակայն ոչ ապագան։ Սա ժամանակի այն ուղղությունն է, որով տիեզերքը ավելի շատ ընդարձակվում է, քան սեղմվում։
Այս գլխում ես կաշխատեմ հիմնավորել, թե ինչու տիեզերքի սահման չունենալու պայմանը, թույլ մարդաբանական սկզբունքի հետ միասին, կարող է բացատրել, թե ինչու են երեք նետերն էլ ուղղված միևնույն ուղղությամբ, ինչպես նաև այն, որ պետք է գոյություն ունենա հստակ սահմանված ժամանակի նետ հասկացությունն ընդհանրապես։ Կաշխատեմ հիմնավորել, որ հոգեբանական նետը պայմանավորված է թերմոդինամիկական նետով, և այս երկու նետերը պարտադիր կերպով միշտ նույն ուղղություն ունեն։ Եթե մենք ընդունենք տիեզերքի սահման չունենալու պայմանը, կտեսնենք, որ պետք է գոյություն ունենան հստակ որոշված թերմոդինամիկական և տիեզերաբանական ժամանակի նետեր, սակայն դրանք կարող են նույն ուղղությամբ ուղղված չլինել տիեզերքի ամբողջ պատմության ընթացքում։ Սակայն ես պիտի աշխատեմ հիմնավորել, որ միայն այն դեպքում, երբ այդ նետերն ունենան միևնույն ուղղությունը, կառաջանան բարենպաստ պայմաններ, որպեսզի զարգանան այնպիսի բանական էակներ, որոնք կարող են հարց տալ, թե ինչո՞ւ է անկարգությունը ժամանակի այն ուղղությամբ աճում, որով ընդարձակվում է տիեզերքը։
Սկսենք թերմոդինամիկական ժամանակի նետի հարցի քննարկումից։ Թերմոդինամիկայի երկրորդ օրենքը հիմնված է այն փաստի վրա, որ գոյություն ունեն ավելի շատ անկարգ համակարգեր, քան կարգավորված համակարգեր։ Պատկերացրեք, օրինակ, որ մի նկար մասերի է բաժանված, և դրանք լցված են տուփի մեջ։ Մեկ և միայն մեկ դասավորություն կա, որով մասերը միանալով կառաջացնեն ամբողջական պատկերը։ Մյուս կողմից, գոյություն ունեն բազմաթիվ դասավորություններ, որոնցով ամբողջական պատկեր չի ստացվում։
Ենթադրենք, ինչ֊որ համակարգ գտնվում է այդ փոքրաթիվ կանոնավոր վիճակներից մեկում։ Ժամանակի ընթացքում, գիտության օրենքներին համապատասխան, համակարգը պիտի զարգանա և իր վիճակը փոխի։ Քանի որ չկարգավորված վիճակներն ավելի շատ են, ապա հետագայում առավել հավանական է, որ համակարգը կարգավորված վիճակից անցնի չկարգավորված վիճակի։ Այսպիսով, եթե համակարգի սկզբնական վիճակը կարգավորված էր, ապա ժամանակի ընթացքում այն կձգտի անկանոն վիճակի։
Այժմ ենթադրենք, որ նկարի մասերը այնպես են դասավորված տուփում, որ ստացվել է ամբողջական պատկեր։ Եթե տուփը թափահարենք, ապա մասերը ձեռք կբերեն մի նոր դասավորություն։ Ամենայն հավանականությամբ կստացվի մի անկանոն դասավորություն, որում մասերն ամբողջական պատկեր չեն կազմում․ դա պարզապես այն պատճառով, որ անհամեմատ մեծ թվով անկանոն դասավորություններ են հնարավոր։ Հնարավոր է, որ նկարի մասերի որոշ խմբեր կազմեն նկարի առանձին հատվածներ, բայց եթե շարունակենք տուփը թափահարել, ապա նկարի այդ հատվածները նույնպես կվերանան, և ստացված վիճակը կլինի խառնափնթոր մի դասավորություն, որը ոչ մի նկարի չի նմանվի։ Այսպիսով, եթե մենք սկսում ենք կարգավորված վիճակից, ապա ժամանակի ընթացքում մասերը ձգտում են ավելի բարձր անկանոն վիճակի։
Ենթադրենք Աստված ցանկացել է, որ տիեզերքի զարգացումը պետք է ավարտվի բարձր աստիճանի կարգավորություն ունեցող մի վիճակով, անկախ այն բանից, թե ինչպիսի վիճակից է այն սկիզբ առել։ Տիեզերքը, ամենայն հավանականությամբ, վաղ ժամանակներում կարող էր գտնվել չկարգավորված վիճակում։ Բայց դա նշանակում է, որ անկանոնությունը ժամանակի ընթացքում նվազում է։ Այսինքն՝ ջարդված բաժակները պիտի ամբողջանան և ցատկեն սեղանի վրա։ Սակայն այս երևույթին ականատես մարդիկ կապրեին մի տիեզերքում, որտեղ անկանոնությունը նվազում է ժամանակի ընթացքում։ Կարելի է պնդել, որ այդպիսի էակների համար ժամանակի հոգեբանական նետը հակառակ ուղղություն պետք է ունենա։ Նրանք դեպքերը կհիշեն ապագայում, բայց՝ ոչ անցյալում։ Երբ տեսնեն փշրված բաժակը, նրանք կհիշեն սեղանին դրված լինելու պահը, իսկ երբ բաժակը տեսնեն սեղանին, նրանք չեն հիշի, որ այն գետին էր ընկած։<ref>Մարդիկ այդպիսի տիեզերքում կարող են հիշել լոկ բաժակի վերականգնումը, այսինքն անկանոն վիճակից ինքնակամ անցում կանոնավոր վիճակի։</ref>
Բավական դժվար է խոսել մարդկային հիշողության մասին, որովհետև մենք ուղեղի աշխատանքի մանրամասնություններին տեղյակ չենք։ Սակայն համակարգչի հիշողության աշխատանքի վերաբերյալ մենք ամեն ինչ գիտենք։ Հետևաբար, ես ուզում եմ քննարկել հաշվողական մեքենայի ժամանակի հոգեբանական նետը։ Կարծում եմ՝ կարելի է ենթադրել, որ համակարգիչների և մարդկանց նետերը (ժամանակի) նույնն են (նույն ուղղությունն ունեն)։ (Եթե այդպես չլիներ, ապա արժեթղթերի սակարանում մարդ մեծ հարստություն կդիզեր, օգտագործելով մի այնպիսի մեքենա, որը հիշեր արժեթղթերի վաղվա գները)։
Հաշվողական մեքենայի հիշողությունը մի հարմարանք է, որը պարունակում է երկու տարբեր վիճակներից մեկում գտնվող տարրեր։ Սովորական հաշվապահական հաշվիչն այդպիսի հարմարանքի մի պարզ օրինակ է։ Դրա պարզագույն ձևը կազմված է մի քանի մետաղե ձողերից, որոնցից յուրաքանչյուրին հագցված է մի գնդիկ, որը կարելի է դնել երկու դիրքից մեկում։ Համակարգչի հիշողության մեջ ցանկացած տեղեկություն ներմուծելուց առաջ, նրա հիշողությունը գտնվում է անկանոն վիճակում՝ երկու հնարավոր վիճակներից յուրաքանչյուրին անցնելու հավասար հավանականությամբ։ (Հաշվիչի ձողերի վրա գնդիկները խառնիխուռն են բաշխված)։ Հիշողության մեջ արձանագրվելիք համակարի հետ փոխազդելուց հետո նրա հիշողությունն անպայման գալիս է որոշակի վիճակի՝ համակարգի վիճակին համապատասխան։ (Յուրաքանչյուր գնդիկ կգտնվի հաշվիչի ձողի կամ աջ, կամ ձախ կողմում)։ Այսպիսով, հիշողությունը անկանոն վիճակից անցել է կանոնավոր վիճակի։ Սակայն այս բանը անելու համար հարկավոր է աշխատանք կատարել (օրինակ, գնդիկը շարժել կամ համակարգիչը հոսանքով սնել)։ Այդ էներգիան ցրվում է որպես ջերմություն, և տիեզերքում աճում է անկանոնության աստիճանը։ Կարելի է ցույց տալ, որ այդպիսի անկանոնության աճն ավելի մեծ է, քան հիշողության մեջ կարգավորվածության աճը։<ref>Դրա պատճառն այն է, որ համաձայն թերմոդինամիկայի 2֊րդ օրենքի, ջերմությունը չի կարելի ամբողջությամբ փոխակերպել աշխատանքի, քանի որ դրա մի մասը անպայման շրջապատին է հաղորդվում՝ մնում է չօգտագործված։ Հակառակ դեպքում հնարավոր կլիներ ստեղծել II կարգի հավերժական մի շարժիչ․ ինչը հնարավոր չէ։</ref>
Այսպիսով, երբ համակարգիչը հիշողության գրանցում է կատարում, նրա հովհարիչի պտուտակի արտամղված ջերմությունը պատճառ է դառնում, որ տիեզերքում անկանոնության գումարային քանակությունն աճի։ Ժամանակի ուղղությունը, որով համակարգիչը հիշում է անցյալը, նույնն է, ինչ տիեզերքում անկանոնության աճի ուղղությունը։
Ժամանակի ուղղության մեր ենթակայական զգացողությունը, ժամանակի հոգեբանական նետը, մեր ուղեղում որոշվում է ժամանակի թերմոդինամիկական նետի ուղղությամբ։ Համակարգչի նման մենք ևս անցյալը պիտի հիշենք այն կարգով, ինչ կարգով աճում է էնտրոպիան։ Այս տեսակետից թերմոդինամիկայի երկրորդ օրենքը կարծես պարզունակ է դառնում։ Անկանոնությունն աճում է ժամանակին զուգընթաց, որովհետև մենք ժամանակը չափում ենք այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ աճում է անկանոնությունը։ Դժվար թե հնարավոր լիներ կատարել ավելի պարզունակ պնդում։<ref>Էնտրոպիայի մասին խոսել լոկ անկարգավորվածության աճի տեսակետից, հավանաբար, բավարար չէ։ Բավական է ասել, որ եթե թերմոդինամիկայի առաջին օրենքը տալիս է էներգիայի փոխակերպման սկզբունքը, ապա երկրորդ օրենքը դրա ուղղությունը, որը կախված է լոկ ջերմություն֊էներգիա փոխակերպումից։</ref>
Բայց ինչո՞ւ պետք է ընդհանրապես գոյություն ունենա ժամանակի թերմոդինամիկական նետ։ Կամ, այլ կերպ ասած, ինչո՞ւ պետք է տիեզերքն ինչ֊որ ժամանակում, որը մենք անվանում ենք անցյալ, կանոնավոր եղած լինի։ Կամ ինչո՞ւ այն չպետք է անկանոն վիճակում լինի բոլոր ժամանակներում։ Վերջ ի վերջո այս վերջինն ավելի հավանական է թվում։ Եվ ինչո՞ւ է անկանոնությունը ժամանակի ընթացքում աճում այն ուղղությամբ, որով ընդարձակվում է տիեզերքը։
Ընդհանուր հարաբերականության դասական տեսությունը մեզ թույլ չի տալիս կանխագուշակել, թե ինչպես է տիեզերքը ծագել, որովհետև գիտության բոլոր հայտնի օրենքները Մեծ պայթյունի եզակիությունում իրենց ուժը կորցնում են։ Հնարավոր է, որ տիեզերքը սկիզբ է առել մի համասեռ, խիստ կարգավորված վիճակում։ Սա կհանգեցներ ժամանակի հատուկ սահմանված թերմոդինամիկական և տիեզերաբանական նետերին, ինչը և դիտարկվում է։ Սակայն հավասարապես հնարավոր է, որ այն սկիզբ առներ խիստ անհամասեռ և անկանոն վիճակում։ Այս դեպքում տիեզերքն արդեն կատարյալ անկանոն վիճակում կլիներ, հետևաբար նրա անկանոնությունը չէր կարող աճել ժամանակին զուգընթաց։ Կամ անկանոնությունը անփոփոխ կմնար, որի դեպքում ժամանակի հստակ սահմանված թերմոդինամիկական նետ չէր կարող լինել, կամ անկանոնությունը կնվազեր, և այդ պարագայում թերմոդինամիկական նետն ուղղված կլիներ տիեզերաբանականի հակառակ ուղղությամբ։ Այս երկու հնարավորություններն էլ չեն համապատասխանում փորձնական դիտարկումներին։ Սակայն, ինչպես տեսանք, ընդհանուր հարաբերականության դասական տեսությունը կանխագուշակում է իր տապալումը։ Երբ տարածություն֊ժամանակի կորությունը շատ է մեծանում, քվանտային գրավիտացիոն ազդեցությունները դառնում են առաջնահերթ, և դասական տեսությունն ի վերջո կորցնում է տիեզերքը նկարագրելու կարողությունը։ Մենք ստիպված ենք դիմել գրավիտացիոն քվանտային տեսությանը, որպեսզի հասկանանք, թե ինչպես է սկիզբ առել տիեզերքը։
Ինչպես նախորդ գլխում տեսանք, ըստ գրավիտացիոն քվանտային տեսության, տիեզերքի վիճակը բնորոշելու համար անհրաժեշտ է իմանալ, թե ինչպիսիք կարող էին լինել տիեզերքի հնարավոր պատմությունները անցյալում՝ տարածություն֊ժամանակի սահմանագծում։ Խուսափել այն բանը գիտենալու անհրաժեշտությունից, ինչը մենք չգիտենք և չենք կարող գիտենալ, կարելի է միայն այն դեպքում, եթե անցյալ պատմությունները բավարարում են սահման չունենալու պայմանին, այսինքն՝ դրանք վերջավոր են, բայց սահման, եզր կամ եզակիություն չունեն։ Այդ դեպքում ժամանակի սկիզբը կլիներ կանոնավոր, հարթ մի կետ տարածություն֊ժամանակի մեջ, և տիեզերքը, կսկսեր ընդարձակվել մի համասեռ ու կանոնավոր վիճակից։ Այն լրիվ միաձև չէր կարող լինել, որովհետև այդ դեպքում կխախտվեր քվանտային մեխանիկայի անորոշության սկզբունքը։
Պետք է, որ լինեին մասնիկների խտության և արագությունների փոքր տատանումներ։ Սակայն անսահմանության պայմանի շնորհիվ այդ տատանումները պետք է հնարավորին չափ փոքր լինեն, որպեսզի չխախտվի անորոշության սկզբունքը։
Ամենավաղ շրջանում տիեզերքը կարող էր ունենալ Էքսպոնենտային կամ «հարաճուն»<ref>բնագրում «ինֆլյացիոն»</ref> ընդարձակման մի ժամանակահատված, որի ընթացքում նրա մեծությունն աճեր մեծ գործակցով։ Այս ընդարձակման ժամանակ խտության տատանումները սկզբում փոքր կլինեին, իսկ հետագայում կսկսեին աճել։ Այն տիրույթներում, որտեղ խտությունը փոքր֊ինչ մեծ էր միջին արժեքից, ընդարձակումը կդանդաղեր հավելյալ զանգվածի գրավիտացիոն ձգողության շնորհիվ։ Վերջ ի վերջո այդպիսի տիրույթները կդադարեին ընդարձակվել, կոլապսի կենթարկվեին՝ առաջացնելով գալակտիկաներ, աստղեր և մեզ նման էակներ։ Այսպիսով տիեզերքը սկիզբ առած կլիներ համասեռ ու կանոնավոր վիճակից և ժամանակի ընթացքում կդառնար անհամասեռ ու անկանոն։ Այս կերպ կարելի է բացատրել ժամանակի թերմոդինամիկական նետի գոյությունը։
Սակայն ի՞նչ կպատահեր, երբ տիեզերքը դադարեր ընդարձակվել և սկսեր սեղմվել։ Արդյո՞ք թերմոդինամիկական նետն այդ ընթացքում կփոխի իր ուղղությունը, և ժամանակին զուգընթաց կնվազի անկանոնությունը։ Սա ամեն տեսակի գիտաֆանտաստիկական հնարավորությունների առիթ է կստեղծեր բոլոր նրանց համար, որոնց բախտ կվիճակվեր ապրել ընդարձակումից սեղմանն անցման փուլից հետո։ Կտեսնե՞ն արդյոք նրանք, թե ինչպես են ամբողջանում ջարդուփշուր եղած բաժակներն ու գետնից ցատկում սեղանի վրա։ Գուցե նրանք ի վիճակի՞ կլինեն հիշել վաղվա գները և սակարանում հարստություն կդիզեն։ Անհանգստությունն այն բանի համար, սակայն, թե ինչ կկատարվի, եթե տիեզերքն սկսի կոլապսվել, լոկ գիտական հարց է, քանի որ սեղմում չի լինի դեռ առնվազն մի քանի տասնյակ միլիարդ տարի։ Բայց ավելի շուտ պարզելու համար, թե ինչ է պատահելու, բավական է նետվել սև խոռոչի մեջ։ Սև խոռոչ առաջացնող աստղի կոլապսը շատ նման է ամբողջ տիեզերքի կոլապսի վերջնական վիճակներին։
Այսպիսով, եթե անկանոնությունը նվազելու է տիեզերքի կծկման փուլում, ապա կարելի է ակնկալել, որ այն կնվազի նաև սև խոռոչի ներսում։ Հետևաբար, սև խոռոչ ընկած տիեզերագնացը կարող է հարստանալ, ռուլետ խաղալով, քանի որ գրազ գալուց առաջ հիշելու է,<ref>Հավանաբար ճիշտ կլինի խոսել ոչ թե ապագան «հիշելու», այլ «տեսնելու» մասին։ Հեղինակը պատահական չի օգտագործում «հիշել» բառը, ցույց տալու համար այդպիսի հնարավորության վիճելի բնույթը։</ref> թե ուր է ընկել գնդակը։ (Դժբախտաբար, խաղը երկար չի տևի, նա խաղի հենց սկզբում սպագետիի նման կերկարի։ Նա ի վիճակի չի լինի մեզ տեղյակ պահել ո՛չ այն մասին, թե թերմոդինամիկական նետը շրջվեց հակառակ ուղղությամբ, ո՛չ էլ կկարողանա իր շահումը վերցնել, որովհետև նա, փաստորեն, դուրս գալու հնարավորություն չի ունենա սև խոռոչի պատահութային հորիզոնի հետևից)։
Սկզբում ես հավատացած էի, որ կոլապսի հետևանքով տիեզերքի անկանոնությունը նվազելու է, որովհետև մտածում էի, թե երբ տիեզերքը դարձյալ փոքրանա, վերադառնալու է իր նախնական համեստ ու կանոնավոր վիճակին։
Այսինքն՝ սեղմվելու փուլը նման է լինելու ժամանակի հետընթաց կարգով ընդարձակման փուլին։ Սեղման փուլում կյանքը պետք է ընթանար հակառակ ընթացքով․ մարդիկ ծնվելուց առաջ մեռնելու են, և քանի տիեզերքը փոքրանում է, նրանց տարիքը պիտի նվազի։<ref>Այսպիսի եզրակացությունը ոչ միայն անիմաստ է, այլ ցույց է տալիս, որ մաթեմատիկական եզրակացությունների հետ պետք է զգույշ վարվել։ Այսինքն՝ կարևորը մոդելն է, ոչ թե մաթեմատիկան։</ref>
Այս գաղափարը հրապուրիչ է այնքանով, որ ծնում է ընդարձակման և սեղմման փուլերի գեղեցիկ համաչափություն։ Սակայն դա հենց այնպես չի կարելի ընդունել՝ առանց հաշվի առնելու տիեզերքի մասին այլ պատկերացումները։ Հարց է առաջանում՝ այդ գաղափարը հետևում է տիեզերքի անսահմանության պայմանի՞ց, թե՞ ընդհակառակը, հակասում է դրան։ Ինչպես ասացի, սկզբում ես կարծում էի, թե անսահմանության պայմանն իսկապես նշանակում է, որ անկանոնությունը պիտի նվազի, երբ տիեզերքը սկսի սեղմվել։ Իսկ սխալը մասամբ բխում էր տիեզերքը երկրի մակերևույթի հետ նույնացնելուց։ Եթե ընդունենք, որ տիեզերքի սկիզբը համապատասխանում է հյուսիսային բևեռին, ապա տիեզերքի վերջը պետք է նման լինի իր սկզբին, քանի որ հարավային բևեռը նման է հյուսիսային բևեռին։ Սակայն հյուսիսային և հարավային բևեռները կեղծ ժամանակում համապատասխանում են տիեզերքի սկզբին և վերջին։ Իրական ժամանակում սկիզբն ու վերջը կարող են շատ տարբեր լինել միմյանցից։ Սխալս պայմանավորված էր նաև նրանով, որ աշխատանքիս համար օգտագործել էի մի պարզ մոդել, որում սեղմման փուլը նման էր ժամանակի հետընթաց կարգով ընդարձակմանը։ Պեննի պետական համալսարանի իմ գործընկեր Դոն Փեյջն իմ ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ սահման չունենալու պայմանը բոլորովին էլ չի պահանջում, որ սեղմվող փուլը անպայման լինի ժամանակի հետընթաց կարգով ընդարձակման փուլ։
Հետագայում իմ ուսանող Ռեյմոնդ Լաֆլեմը ցույց տվեց, որ եթե ավելի բարդ մոդել օգտագործվի, ապա տիեզերքի կոլապսը շատ տարբեր կլինի իր ընդարձակումից։
Ակնհայտ էր, որ ես սխալվել էի․ անսահմանության պայմանը ենթադրում է, որ անկանոնությունը շարունակվելու է մեծանալ սեղմմանը զուգընթաց։ Ժամանակի թերմոդինամիկական և հոգեբանական նետերը չեն փոխում իրենց ուղղությունը՝ ոչ կծկվող տիեզերքում, ոչ էլ սև խոռոչում։
Ի՞նչ կարելի է անել, երբ պարզվում է, որ այդպիսի սխալ է թույլ տրվել։ Ոմանք երբեք իրենց սխալը չեն ընդունում և շարունակում են փնտրել նոր բացատրությունները, հաճախ միմյանց հակասող, իրենց տեսակետները հաստատող փաստարկներ բերում, ինչպես, օրինակ, Էդինգտոնն արեց՝ հակադրվելով սև խոռոչների տեսությանը։ Ուրիշները հայտարարում են, թե իրենք երբեք սխալ տեսակետը չեն պաշտպանել և, եթե պաշտպանել են, ապա միայն այն պատճառով, որպեսզի ցույց տան նրա անհիմն լինելը։ Իմ կարծիքով, ավելի ճիշտ է, և նվազ շփոթ է առաջանում, եթե մարդ գրավոր կերպով ընդունում է իր սխալը։ Սրա լավագույն օրինակը տվել է Էյնշտեյնը, որն իր կյանքի մեծագույն սխալը համարեց տիեզերքի համար ստատիկ մոդել ստեղծելիս իր ներմուծած տիեզերաբանական հաստատունը։
Վերադառնալով ժամանակի նետի հարցին՝ մնում է բացատրել, թե ինչո՞ւ են մեր դիտարկումները հաստատում, որ թերմոդինամիկական և տիեզերաբանական նետերը նույն ուղղությունն ունեն։ Կամ, այլ կերպ ասած, ինչո՞ւ է ժամանակին զուգընթաց անկանոնությունն աճում այն ուղղությամբ, որով ընդարձակվում է տիեզերքը։ Եթե ենթադրենք, որ տիեզերքն ընդարձակվելուց հետո կսկսի վերստին կծկվել, ապա, ինչպես հետևում է ամսահմանության պայմանից, թվում է, նետերի ուղղության խնդիրը հանգում է այն հարցին, թե մենք ինչո՞ւ պիտի գտնվենք տիեզերքի ընդարձակման և ոչ թե սեմման փուլում։
Սրա պատասխանը կարելի է տալ՝ հենվելով թույլ մարդաբանական սկզբունքի վրա․ սեղմման փուլի պայմաններն անբարենպաստ են այնպիսի բանական էակների գոյության համար, որոնք հարցնեին, թե ինչո՞ւ է անկանոնությունն աճում ժամանակի նույն ուղղությամբ, ինչ ուղղությամբ ընդարձակվում է տիեզերքը։ Ամսահմանության պայմանը կանխագուշակում է տիեզերքի հարաճուն ընդարձակում նրա էվոլյուցիայի սկզբնական փուլերում։ Դա նշանակում է, որ տիեզերքը պետք է ընդարձակվի կրիտիկականին շատ մոտ արագությամբ, որպեսզի ընդհանրապես խուսափի կոլապսից կամ երկար ժամաակ կոլապսի չենթարկվի։ Մինչ այդ արդեն բոլոր աստղերը վառված և վերջացած կլինեն, իսկ նրանց առաջացրած պրոտոններն ու նեյտրոնները քայքայված և վերածված կլինեն լույսի մասնիկների ու ճառագայթման։ Ժամանակի հստակ որոշված թերմոդինամիկական նետ չէր լինի։ Այդ անկանոնությունն ավելի աճել չէր կարող, որովհետև տիեզերքն արդեն կգտնվեր համարյա լրիվ անկանոն վիճակում։ Սակայն հարկավոր է ուժեղ թերմոդինամիկական նետ, որպեսզի բանական կյանքը գոյություն ունենա։ Գոյատևելու համար մարդիկ պետք է սնունդ օգտագործեն, ինչն իրենից ներկայացնում է էներգիայի կարգավորված ձև, և այն փոխարկեն ջերմության, այսինքն՝ էներգիայի անկանոն ձևի։ Այսպիսով, տիեզերքի սեղմման փուլում որևէ բանական կյանք չի կարող գոյություն ունենալ։ Այսպես կարելի է բացատրել, թե ինչու են մեր դիտարկումները ցույց տալիս, որ թերմոդինամիկական և տիեզերաբանական նետերը նույն ուղղությունն ունեն։ Սխալ կլինի կարծել, թե, իբր, անկանոնությունն աճում է տիեզերքի ընդլայման պատճառով։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ այդ ամենի պատճառը անսահմանության պայմանն է։ Հենց դրա պատճառով է աճում անկանոնությունը, և միայն ընդարձակման փուլում են պայմաններ ստեղծվում բանական կյանքի գոյության համար։
Այս ամենն ի մի բերելով կարելի է ասել, որ գիտության օրենքները տարբերություն չեն դնում ժամանակի առաջընթաց և հետընթաց ուղղությունների միջև։ Սակայն գոյություն ունեն ժամանակի առնվազն երեք նետեր, որոնք իրարից տարբերում են անցյալն ու ապագան։ Դրանք են․ թերմոդինամիկական նետը, որը ժամանակի այն ուղղությունն է, որով մենք հիշում ենք անցյալը, բայց ապագան՝ ոչ, և տիեզերաբանական նետը՝ ժամանակի այն ուղղությունն է, որում տիեզերքն ընդարձակվում է, ոչ թե սեղմվում։ Ես ցույց տվեցի, որ հոգեբանական նետը, ըստ էության, համարժեք է թերմոդինամիկական նետին, այնպես որ, երկու նետն էլ պետք է ունենան նույն ուղղությունը։ Տիեզերքի անսահմանության ենթադրությունից բխում է, որ պետք է գոյություն ունենա հատուկ սահմանված ժամանակի թերմոդինամիկական նետ, որովհետև տիեզերքը պետք է սկիզբ առներ համասեռ ու կանոնավոր վիճակում։ Իսկ թերմոդինամիկական և տիեզերաբանական նետերի ուղղությունների համընկնման պատճառն այն է, որ բանական էակները կարող են գոյություն ունենալ միայն ընդարձակման փուլում։ Սեղմման փուլը նրանց համար բարենպաստ չէ, որովհետև նրանում բացակայում է ժամանակի հատուկ արտահայտված թերմոդինամիկական նետը։
Տիեզերքը հասկանալու գործում մարդկային առաջադիմության շնորհիվ կարգավորված մի փոքրիկ անկյուն է ստեղծվել տիեզերքի աճող քաոսում։
Եթե դուք հիշեք այս գրքում եղած բոլոր բառերը, ապա ձեր հիշողությունը կարձանագրի մոտավորապես երկու միլիոն միավոր տարբեր տեղեկություններ, իսկ ձեր ուղեղում կարգուկանոնը կաճի մոտավորապես նույնքան։ Մյուս կողմից, այս գիրքը կարդալիս դուք սննդի ձևով ստացած առնվազն հազար կալորիա կարգավորված էներգիա կփոխանակեք անկանոն էներգիայի՝ ջերմության, որը շրջապատին կհաղորդեք կոնվեկցիայի կամ քրտինք գոլորշիացնելու ձևով։ Դա կբերի տիեզերքի անկանոնության մոտավորապես միլիոն միլիոն միլիոն միլիոն միավորով աճի, որը համապատասխանում է ձեր ուղեղում կարգավորվածության տաս միլիոն միլիոն միլիոն անգամ աճին, իսկ դա կկատարվի այն դեպքում, եթե դուք հիշեք իմ գրքում կարդացած ամեն ինչը։ Հաջորդ գլխում ես կաշխատեմ մինչև կոկորդը անորոշությունների մեջ խրված մեր մտածումներում ինչ֊որ չափով կարգավորվածություն մտցնել, բացատրելով, թե ինչպես են մարդիկ փորձում իրար հարմարեցնել նկարագրածս մասնակի տեսությունները, որոնք ես նկարագրել եմ, որպեսզի ստեղծվի տիեզերքի բացատրությունն ամփոփող մի կատարյալ միասնական տեսություն։<ref>Այնուամենայնիվ, երբեմն հարց է տրվում, թե ի՞նչ է ժամանակը, արդյո՞ք դա մի առեղծված չէ։ Այդ հարցին Ռ․ Ֆեյնմանը պատասխանել է․ «Մենք՝ ֆիզիկոսներս ամեն օր գործ ունենք ժամանակի հետ, բայց մեզ մի հարցրեք, թե ինչ բան է այն։ Շատ դժվար է խոսել այդ մասին»։ Ջ․ Բոսլոն պատմում է, որ ինքը Օստրեն քաղաքի մի սրճարանի պատի վրա կարդացել է հետևյալ մակագրությունը․ «Ժամանակը բնության կողմից ձեռք առնված մի միջոց է, որպեսզի ամեն ինչ միանգամից տեղի չունենա»։ Հոքինգն այստեղ ցույց է տալիս, որ առանց շարժման՝ ժամանակի հասկացությունն անիմաստ է։ Արդարև, ըստ Ջ․ Ուիլերի՝ «տիեզերքը նկարագրելու համար ժամանակը չի կարող եզրափակիչ հանգամանք լինել», քանի որ «այն լոկ մի չափականություն է, ինչպես տարածությունը, և բնության երկրորդական հատկանիշ է»։ Եվ վերջապես, ինչպես Հոքինգն է պնդում, բնության համար միայն մեկ բացարձակ մեծություն կա, դա ժամանակը չէ, այլ լույսի արագության հաստատունությունը։</ref>