Յուրաքանչյուր դիտորդ կարող է ռադարի օգնությամբ իմանալ, թե որտեղ և երբ տեղի ունեցավ տվյալ պատահույթը՝ այնտեղ լույսի կամ ռադիոալիքների ազդանշան ուղարկելով։ Ազդանշանի մի մասը պատահույթի վայրից վերադառնում է, և դիտորդը չափում է արձագանքի ստացման ժամանակը։ Պատահույթի ժամանակ է կոչվում ազդանշանի հաղորդման և արձագանքի ստացման տևողությունների կիսագումարը, իսկ պատահույթի հեռավորությունն այդ շրջապտույտի կիսաժամանակի և լույսի արագության արտադրյալն է։ (Պատահույթ ասվածը, այս իմաստով, տարածության մի առանձին կետում և որոշակի ժամանակում տեղի ունեցածն է)։ Այս պատկերացումը ցույց է տրված նկ․21֊ում, որը տարածություն֊ժամանակ դիագրամի մի օրինակ է։ Այս ընթացակարգն օգտագործելով, դիտորդները, որոնք իրար նկատմամբ հարաբերական շարժման մեջ են, կարող են միևնույն երևույթին տարբեր դիրքեր և տարբեր ժամանակներ վերագրել։ Որևէ մեկի չափումն ավելի ճիշտ չի կարելի համարել մյուսի նկատմամբ, սակայն բոլոր չափումները կապված են միմյանց հետ։ Եթե դիտորդներից մեկին հայտնի է մյուսի շարժման հարաբերական արագությունը, ապա նա կարող է ճշգրտորեն իմանալ, թե այս վերջինը տվյալ դեպքի համար ինչ դիրք և ժամանակ է որոշել։
[[Պատկեր:H2 1.svg|thumb| Նկ․ 2․ 1 Ժամանակը տեղադրված է ուղղաձիգ, իսկ դիտորդից եղած հեռավորությունը՝ հորիզոնական առանցքնեիր վրա։ Դիտորդի ուղին տարածության և ժամանակի մեջ ներկայացված է ձախ մասում ցույց տրված ուղղաձիգ գծով։ Դեպի պատահույթը և նրանից անդրադարձած լույսի ճառագայթների ուղիները թեք գծերն են։]]
Այժմ մենք հենց այս ռադարային եղանակն ենք օգտագործում հեռավորությունը ճշգրիտ չափելու համար, որովհետև կարող ենք ժամանակն ավելի մեծ ճշգրտությամբ չափել, քան հեռավորությունը։ Արդարև, մետրը սահմանված է որպես այնպիսի հեռավորություն, որը լույսն անցնում է 0,00000000 33356-40952 վայրկյանում՝ չափված ցեզիումային ժամացույցով։ (Այս հատուկ թվի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ դա համապատասխանում է մետրի պատմական սահմանը՝ որպես Փարիզում պահվող հատուկ պլատինե ձողի երկու նշանակետերով սահմանված երկարություն)։ Մենք հավասարապես կարող ենք օգտվել երկարության ավելի հարմար նոր միավորից՝ լուսավայրկյանից։ Դա ուղղակի այն հեռավորությունն է, որը լույսն անցնում է մեկ վայրկյանում։ Հարաբերականության տեսության մեջ մենք այժմ հեռավորությունը սահմանել ենք, ժամանակի և լույսի արագության միջոցով։ Հետևաբար յուրաքանչյուր դիտորդ լույսը չափելիս արագության համար պետք է օգտագործի միևնույն արժեքը (այսինքն՝ 1 մետր 0,000000003335640952 վայրկյանում)։ Որևէ կարիք չկա, որ ներմուծվի եթերի գաղափարը, ինչի գոյությունն ամենուր հնարավոր չէ հայտնաբերել, ինչպես ցույց է տալիս Մայքելսոն֊Մոռլիի փորձը։ Այսպիսով, հարաբերականության տեսությունը մեզ հիմք է տալիս հիմնավորապես փոխելու մեր պատկերացումները տարածության և ժամանակի մասին։ Մենք պետք է ընդունենք, որ ժամանակը լիովին անջատ և անկախ չէ տարածությունից, այլ նրանք միավորված են միմյանց հետ, որպես, այսպես կոչված, տարածություն֊ժամանակ։
Հաճախ շատ օգտակար է մտածել, պատահույթի չորս կոորդինատների մասին՝ բնորոշելու նրա դիրքը քառաչափ տարածության մեջ, որը կոչվել է տարծություն֊ժամանակ։ Սակայն քառաչափ տարածությունն անհնար է պատկերացնել։ Ես ինքս դժվար եմ պատկերացնում նույնիսկ եռաչափ տարածությունը։ Այնուամենայնիվ, հեշտ է երկչափ տարածության դիագրամներ գծել, ինչպես, օրինակ, երկրագնդի մակերևույթը։ (Երկրագնդի մակերևույթը երկչափ է, որովհետև նրա վրա կետի դիրքը կարելի է որոշել երկու կոորդինատներով՝ լայնությամբ և երկարությամբ)։ Ես հիմնականում օգտագործելու եմ դիագրամներ, որոնցում ժամանակն աճման կարգով ցույց է տրվելու հեռանկարում։ (Դրանք կոչվում են տարածություն֊ժամանակ դիագրամներ, օրինակ, նկ․ 2.1֊ը)։ Դիցուկ, 2.2 նկարում ժամանակը տեղադրված է ուղղահայաց առանցքի վրա՝ տարիներով, իսկ հորիզոնական առանցքի վրա՝ արևի և Ալֆա Կենտավրոս աստղի միջև եղած հեռավորությունը՝ մղոններով։ Արևի և Ալֆա Կենտավրոսի հետագծերը տարածություն֊ժամանակ դիագրամում ցույց են տրված որպես ուղղաձիգ գծեր ձախ և աջ կողմերում։ Արևի լույսի ճառագայթը, անցնելով թեք անկյունագծով, չորս տարում արևից հասնում է Ալֆա Կենտավրոսին։
[[Պատկեր:H2 2.svg|thumb]]
Ինչպես մենք արդեն գիտենք, Մաքսվելի հավասարումները կանխատեսում են, որ լույսի արագությունը նույնը պիտի լինի, անկախ աղբյուրի շարժման արագությունից, ինչը հաստատված է ճշգրիտ չափումներով։ Սրանից հետևում է, որ եթե որոշակի ժամանակում տարածության որոշակի կետից լուսային ազդանշան է արձակվել, ապա անցնող ժամանակի հետ լույսը պիտի տարածվի որպես լուսային գունդ, որի մեծությունն ու դիրքը կախված չեն աղբյուրի արագությունից։ Մեկ միլիոներորդ վայրկյան հետո լույսը պիտի տարածվի՝ առաջացնելով 300 մետր շառավիղ ունեցող գունդ, երկու միլիոներորդ վայրկյան հետո գնդի շառավիղը կլինի 600 մետր և այսպես շարունակ։ Սա նման կլինի լճակի մակերևույթին տարածվող ալիքներին, երբ լճակի մեջ քար է գցվում։ Ալիքները, տարածվելով շրջանաձև, ժամանակի հետ գնալով ավելի և ավելի են տարածվում։ Եթե այժմ պատկերացնենք եռաչափ տարածական մոդել՝ բաղկացած լճակի երկչափ մակերեսից և միաչափ ժամանակից, ապա տարածվող ալիքները ժամանակի ընթացքում կառաջացնեն մի կոն, որի գագաթը կհամապատասխանի այն տեղին և ժամանակին, երբ քարը խփվում է ջրին (նկ․2.3):
[[Պատկեր:H2 3.svg|thumb]]
Նույն ձևով լույսը, մի պատահույթից տարածվելով, առաջացնում է եռաչափ մի կոն քառաչափ տարածություն֊ժամանակի մեջ։ Այս կոնը կոչվում է պատահույթի ապագայի լուսակոն։ Նույն ձևով մենք կարող ենք նկարել մեկ այլ կոն, որը կոչվում է անցյալի լուսակոն․ այն պատահույթի մի շարք է, որոնց լուսային ազդանշաններն ի վիճակի են հասնել տվյալ պատահույթին (նկ․2.4):
[[Պատկեր:H2 4.svg|thumb]]
P ― պատահույթի անցյալի և ապագայի լուսակոները տարածություն֊ժամանակը բաժանում են երեք տիրույթի (նկ․ 2.5)։ Պատահույթի բացարձակ ապագան P֊ի ապագայի լուսակոնի ներսում պարփակված տիրույթն է։ Դա բոլոր այն պատահույթների շարքն է, որոնք կարող են ազդվել այն ամենից, ինչ տեղի է ունենում P֊ում։ P֊ի ազդանշանները չեն կարող հասնել P֊ի լուսակոնից դուրս տեղի ունեցող պատահույթներին, որովհետև լույսից արագ շարժվել հնարավոր չէ։ Հետևաբար, այդ պատահույթները չեն կարող ազդվել այն ամենից, ինչ տեղի է ունենում P֊ում։ P֊ի բացարձակ անցյալն անցյալի լուսակոնում պարփակված տիրույթն է։ Դա այն պատահույթների շարքն է, որոնցից ազդանշանները, շարժվելով լույսի արագությամբ կամ ավելի դանդաղ, կարող են հասնել P֊ին։
[[Պատկեր:H2 5.svg|thumb]]
Դա, հետևաբար, բոլոր այն պատահույթների շարքն է, որոնք կարող են ազդել P֊ում կատարվող իրադարձությունների վրա։ Եթե մենք իմանանք, թե ինչ է տեղի ունեցել P֊ի անցյալի լուսակոնում պարփակված տարածության ցանկացած տիրույթում, ապա կարող ենք կանխագուշակել, թե ինչ պիտի տեղի ունենա P֊ում։ «Այլուրը» տարածություն֊ժամանակ դիագրամի այն տիրույթն է, որը դուրս է ապագայի և անցյալի լուսակոներից, այլուրում կատարվող պատահույթները չեն կարող ազդվել կամ ազդել P֊ի պատահույթների վրա։ Այսպես, եթե հենց այս պահին արևը դադարեր փայլելուց, դա Երկրի անցուդարձի վրա անմիջապես չէր կարող ազդել, քանի որ այն պահին, երբ արևը հանգի (նկ․ 2.6) երկիրը կգտնվի պատահույթի «այլուրում»։ Այդ մասին մենք կիմանանք 8 րոպե հետո միայն, այսինքն՝ այնքան ժամանակ անց, որը հարկավոր է, որպեսզի լույսը արևից հասնի մեզ։ Միայն այդ ժամանակ երկրի վրա պատահող պատահույթները կմտնեն արևի հանգման պատահույթի ապագայի լուսակոնի մեջ։ Նույն ձևով մենք չգիտենք, թե այս պահին ինչ է տեղի ունենում հեռավոր տիեզերքում։ Հեռավոր գալակտիկաների լույսը, որը մենք տեսնում ենք այսօր, արձակվել է միլիոնավոր տարիներ առաջ, իսկ ամենահեռավոր տեսանելի առարկաներից լույսը ճամփա է ընկել մի քանի ութ հազար միլիոն տարի առաջ։
[[Պատկեր:H2 6.svg|thumb]]
Այսպիսով, երբ մենք այսօր տիեզերքին ենք նայում, ապա տեսնում ենք այնպես, ինչպես նա եղել է անցյալում։
Եթե անտեսենք ձգողության ազդեցությունները, ինչպես այդ արեցին Էնշտեյնն ու Պուանկարեն 1905֊ին, ստացվում է, այսպես կոչված, հարաբերականության հատուկ տեսությունը։ Տարածություն֊ժամանակի մեջ տեղի ունեցող ցանկացած պատահույթի համար, մենք կարող ենք լուսակոն կառուցել (տարածություն֊ժամանակի մեջ տվյալ պատահույթի արձակած լույսի բոլոր հնարավոր հետագծերի շարքը), և որովհետև լույսի արագությունը նույնն է յուրաքանչյուր պատահույթի և ուղղության համար, բոլոր լուսակոները կլինեն նույնանման և կուղղվեն միևնույն ուղղությամբ։ Այս տեսությունը նույնպես ասում է, որ ոչինչ չի կարող լույսից ավելի արագ շարժվել։ Սա նշանակում է, որ որևէ առարկայի հետագիծը տարածության և ժամանակի մեջ պետք է ներկայացվի մի գծով, որը գտնվում է յուրաքանչյուր պատահույթի լուսակոնի ներսում (նկ․ 2.7)։
[[Պատկեր:H2 7.svg|thumb]]
Հարաբերականության հատուկ տեսությունը մեծ հաջողությամբ բացատրեց, որ լույսի արագությունը նույնն է բոլոր դիտորդների համար (ինչպես ցույց էր տրվել Մայքելսոն֊Մոռլիի փորձով) և նկարագրեց, թե ինչ է պատահում, եթե առարկաները շարժվում են լույսի արագությանը մոտ արագությամբ։ Այն, սակայն, անհամատեղելի էր Նյուտոնի ձգողության տեսության հետ, որի համաձայն մարմինների՝ միմյանց ձգող ուժը կախված է նրանց միջև եղած հեռավորությունից։ Սա նշանակում է, որ երբ մարմիններից մեկը շարժվի, ապա մյուսի վրա ազդող ուժը պետք է ակնթարթորեն փոխվի։ Կամ, այլ կերպ ասած, ձգողական ազդեցությունները պետք է գործեն անսահման մեծ արագությամբ, այն դեպքում, երբ հարաբերականության հատուկ տեսությունը պահանջում է, որ այդ արագությունը լինի լույսի արագությանը հավասար կամ նրանից փոքր։
Էնշտեյնը 1908֊ից մինչև 1914֊ը մի շարք անհաջող փորձեր կատարեց՝ ստեղծելու ձգողականության այնպիսի մի տեսություն, որը համատեղելի լիներ հարաբերականության հատուկ տեսության հետ։ Վերջապես1915 թվականին նա առաջարկեց այն, ինչն այսօր անվանում ենք հարաբերականության ընդհանուր տեսություն։
[[Պատկեր:H2 8.svg|thumb]]
Էնշտեյնը կատարեց հեղափոխական նշանակություն ունեցող մի առաջարկություն այն մասին, որ ձգողականությունը մյուս ուժերի նման ուժ չէ, այլ արդյունք է այն բանի, որ տարածություն֊ժամանակը հարթ չէ, ինչպես նախկինում ենթարվում էր, այլ կոր է կամ «կորացված»՝ իր մեջ առկա զանգվածի և էներգիայի բաշխման հետևանքով։ Մարմինները, ինչպիսին երկրագունդն է, ստեղծված չեն, որպեսզի շարժվեն կորաձև ուղեծրով ձգողություն կոչվող ուժի ազդեցության տակ, փոխարենը նրանք ուղղաձիգ են շարժվում կորաձև տարածության մեջ, որը կոչվում է գեոդեզիական տարածություն։ Գեոդեզիական է կոչվում երկու հարևան կետերի միջև ամենակարճ (կամ ամենաերկար) հեռավորությունը։
Օրինակ, երկրագնդի մակերևույթը երկչափանի կոր տարածություն է։ Երկրագնդի վրա գեոդեզիական է կոչվում մեծ շրջանագիծը, որը երկու կետերի միջև եղած ամենակարճ ճանապարհն է (նկ․ 2.8)։ Քանի որ գեոդեզիականն ամենակարճ ճանապարհն է ցանկացած երկու օդանավակայանների միջև, ապա շտուրմանը օդաչուին հրահանգում է թռիչքի համար ընտրել այդ ուղին։ Չնայած ընդհանուր հարաբերականության տեսության մեջ մարմինները միշտ շարժվում են ուղիղ գծով քառաչափ տարածություն֊ժամանակում, սակայն մեզ թվում է, թե նրանք մեր եռաչափ տարածության մեջ շարժվում են կորաձև։ (Սա շատ նման է այն բանին, որին մենք ականատես ենք լինում, երբ օդանավը թռչում է լեռնոտ տարածքի վրայով։ Թեև այն շարժվում է ուղղագծորեն՝ եռաչափ տարածության մեջ, բայց նրա ստվերը երկչափ գետնի վրա կորագիծ է։
[[Պատկեր:H2 9.svg|thumb]]
Արևի զանգվածն այնպես է կորացնում տարածություն֊ժամանակը, որ թեև երկրագունդը շարժվում է ուղղագծորեն քառաչափ տարածություն֊ժամանակի մեջ, բայց մեզ թվում է, թե այն եռաչափ տարածության մեջ շարժվում է շրջանաձև ուղեծրով։ Փաստորեն, մոլորակների ուղեծրի համար ընդհանուր հարաբերականության կանխագուշակությունը գրեթե ճշտորեն նույնն էր, ինչ կանխագուշակել էր Նյուտոնի ձգողականության տեսությունը։ Այնուամենայնիվ, Մերկուրիի դեպքում, որն արևին ամենամոտ մոլորակը լինելով, ենթարկվում է ձգողության ուժեղագույն ազդեցությանը և ունի բավականին երկարացված էլիպսաձև ուղեծիր, ընդհանուր հարաբերականության տեսությունը կանխատեսում է, որ էլիպսի երկար առանցքը պետք է պտտվի արևի նկատմամբ տասը հազար տարին մեկ աստիճան արագությամբ։ Այս շեղումը թեև փոքր, բայց դիտարկվել է 1915֊ից առաջ և Էյնշտեյնի ընդհանուր հարաբերականության տեսության հաստատմանը նպաստող առաջին փաստերից մեկն է։ Վերջին տարիներին ռադարային չափումների օգնությամբ դիտարկվել են այլ մոլորակների ավելի փոքր ուղեծրային շեղումներ նյուտոնյան կանխագուշակումներից և հաստատվել է ընդհանուր հարաբերականության տեսության կանխատեսումների հետ դրանց համապատասխանությունը։
Տիեզերքի ժամանակակից պատկերացման հիմքը դրվեց 1924֊ին, երբ ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը ցույց տվեց որ տիեզերքում մեր գալակտիական միակը չէ։ Փաստորեն գոյություն ունեն շատ ուրիշ գալակտիկաներ, որոնք միմյանցից բաժանված են լայնատարած դատարկության գոտիներով։ Այդ բանը ապացուցելու համար Հաբլին հարկավոր էր որոշել գալակտիկաների հեռավորությունը, որոնք շատ հեռու լինելով մոտիկ գտնվող աստղերից, անշարժ են թվում։ Հաբլը ստիպված էր աննուղակի մի եղանակ օգտագործել այդ հեռավորությունները չափելու համար։ Աստղի թվացող պայծառությունը կախված է երկու գործոնից․ թե որքան լույս է արձակում այն (լուսատվություն) և ինչքան հեռու է գտնվում մեզանից։ Մենք կարող ենք չափել մոտիկ գտնվող աստղերի թվացող պայծառությունն ու հեռավորությունը, և դրանով որոշել աստղի լուսատվությունը։ Եվ հակառակը, եթե իմանանք աստղերի լուսատվություն այլ գալակտիկաներում, ապա նրանց թվացող պայծառությունը չափելով, կկարողանանք հաշվարկել նրանց հեռավորությունը։ Հաբլը նկատել էր, որ մեզ մոտիկ գտնվող որոշ տեսակի աստղեր մշտապես ունեն միևնույն լուսատվությունը և ենթադրել էր, որ եթե մենք նման աստղեր գտնենք այլ գալակտիկայում, ապա կարող ենք ընդունել, որ նրանց լուսատվությունը նույնն է և, այդպիսով հաշվել տվյալ գալակտիկայի հեռավորությունը։ Եթե մենք դա կարողանանք կատարել նույն գալակտիկային պատկանող մի քանի այդպիսի աստղերի համար և մեր հաշվումներով ստացված հեռավորությունները միշտ նույնը լինեն, ապա կարող ենք վստահ լինել մեր գնահատականի ճշտության մեջ։
[[Պատկեր:H3 1.jpg|thumb]]
Այս եղանակով Էդվին Հաբլը որոշեց 9 տարբեր գալակտիկաների հեռավորությունները։ Այսօր մեզ հայտնի է, որ մեր գալակտիկան մի քանի հարյուր հազար միլիոն գալակտիկաներից մեկն է տիեզերքում, որոնք ժամանակակից աստղադիտակների օգնությամբ կարելի է տեսնել, իսկ գալակտիկաներից յուրաքանչյուրն իր հերթին պարունակում է մի քանի հարյուր հազար միլիոն աստղ։
Այն փաստը, որ ինչ ուղղությամբ էլ նայես, տիեզերքը նույնն է երևում, առաջին հայացքից կարող է մեզ ստիպել մտածել, թե երկիրը տիեզերքում առանձնահատուկ դիրք ունի։ Մասնավորապես այն փաստը, որ մեզ թվում է, թե բոլոր գալակտիկաները հեռանում են մեզանից, կարող է այն տպավորությունը թողնել, թե մենք պետք է տիեզերքի կենտրոնում գտնվենք։ Չմոռանանք, սակայն, որ գոյություն ունի այլընտրական մի բացատրություն ևս, երբ տիեզերքը դիտարկվում է այլ գալակտիկաներից, այն դարձյալ ամեն ուղղությամբ նույնատեսակ կարող է երևալ։ Ինչպես ասվեց, սա Ֆրիդմանի երկրորդ ենթադրությունն էր։ Մենք այս ենթադրության կողմ կամ դեմ որևէ գիտական փաստարկ չունենք։ Սակայն համեստությունը պահանջում է ընդունել այն, այլապես շատ ուշագրավ կլիներ, որ տիեզերքը բոլոր ուղղություններով նույնատեսակ լիներ լոկ մեր շրջապատում, բայց ոչ տիեզերքի այլ կետերի համար։ Ֆրիդմանի մոդելում բոլոր գալակտիկաները ուղղակի իրարից հեռանում են։ Վիճակը նման է օդապարիկի, որի վրա որոշ թվով կետեր են նկարված, իսկ օդապարիկը ընդարձակվում է։ Ընդարձակման հետ ցանկացած երկու կետերի միջև եղած հեռավորությունը մեծանում է, սակայն չի կարելի ասել, թե որևէ կետ ընդարձակման կենտրոնն է։ Ավելին, որքան կետերն իրարից հեռու են, նրանք այնքան արագ կհեռանան միմյանցից։ Նույն ձևով, Ֆրիդմանի մոդելում գալակտիկաների՝ միմյանցից հեռանալու արագությունը համեմատական է նրանց միջև եղած հեռավորությանը։ Այսպիսով, դա կանխագուշակում է, որ գալակտիկայի կարմիր շեղումը պետք է ուղիղ համեմատական լինի մեզանից նրա ունեցած հեռավորությանը, ճիշտ այնպես, ինչպես հաստատել էր Հաբլը։ Չնայած իր մոդելի հաջողությանն ու Հաբլի դիտարկումների կանխագուշակմանը, Ֆրիդմանի աշխատանքներն Արևմուտքին անհայտ մնացին, մինչև 1935 թվականին ամերիկացի ֆիզիկոս Հովարդ Ռոբերտսոնն ու անգլիացի մաթեմատիկոս Արթուր Ուոքերը նման մոդելներ առաջարկեցին՝ բացատրելու համար Հաբլի հայտնագործությունը՝ տիեզերքի համաչափ ընդարձակման մասին։
[[Պատկեր:H3 2.svg|thumb]]
Այնուամենայնիվ, Ֆրիդմանն իր երկու հիմնական ենթադրությունների հիման վրա առաջարկել էր ընդարձակվող տիեզերքի միայն մեկ մոդել, թեև իրականում հնարավոր են երեքը։ Առաջին մոդելի դեպքում (որն առաջարկել էր Ֆրիդմանը) տիեզերքն ընդարձակվում է բավականին դանդաղ, ընդ որում տարբեր գալակտիկաների միջև գործող գրավիտացիոն ձգողությունն ստիպում է, որ ընդարձակումը դանդաղի և վերջապես կանգ առնի։ Այնուհետև գալակտիկաները սկսում են իրար մոտենալ, և տիեզերքը սեղմվում է։ Նկ․3.2֊ում ցույց է տրված, թե ինչպես է փոխվում երկու հարևան գալակտիկաների միջև եղած հեռավորությունը ժամանակի ընթացքում։ Այն սկսվում է զերոյից, աճում է մինչև առավելագույնը, ապա նվազում և նորից հասնում է զերոյի։ Երկրորդ մոդելը ցույց է տալիս, որ տիեզերքն այնքան արագ է ընդարձակվում, որ գրավիտացիոն ձգողականությունը երբեք չի կարողանում այն կասեցնել, թեև ինչ֊որ չափով դանդաղեցնում է։ Նկ․ 3.3֊ը ցույց է տալիս երկու հարևան գալակտիկաների միջհեռավորությունը այս մոդելում։ Այն սկսվում է զերոյից, աճում է արագ, իսկ ժամանակի ընթացքում երկու գալակտիկաները շարունակում են իրարից հեռանալ համաչափ արագությամբ։ Վերջապես, կա նաև լուծման 3-րդ մոդելը, որում տիեզերքը ընդարձակվում է հենց այնպիսի արագությամբ, որ նրա վերստին սեղմվելը (կոլապսվելը) հնարավոր չէ։ Նկ․ 3.4-ում ցույց է տրված, որ այդ դեպքում հեռավորությունը սկսում է զերոյից և աճում է մշտապես։ Սակայն այն արագությունը, որով գալակտիկաները հեռանում են իրարից, աստիճանաբար փոքրանում է, թեև զերոյի երբեք չի հասնում։
[[Պատկեր:H3 3.svg|thumb]]
Ֆրիդմանի առաջին մոդելի ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ նրանում տիեզերքը տարածության մեջ անսահման չէ, բայց տարածությունն էլ որևէ սահմանագիծ չունի։ Ձգողության ուժն այնքան ուժեղ է, որ տարածությունն ինքն իր վրա կորացել է, ինչպես երկրի մակերևույթը։ Եթե մեկը ճամբորդի մի որոշակի ուղղությամբ երկրագնդի մակերևույթով, նա երբեք անանցանելի արգելքի չի հանդիպի և դուրս չի գլորվի այնտեղից, այլ ի վերջո կգա կհասնի այնտեղ, որտեղից դուրս էր եկել։ Ֆրիդմանի առաջին մոդելում տիեզերքը հենց այդպիսին է, սակայն եռաչափ է և ոչ թե երկչափ, ինչպես երկրագնդի մակերևույթը։ Չորրորդ չափը՝ ժամանակը, նույնպես վերջավոր է՝ նման երկու ծայր կամ սահմանագիծ՝ մի սկիզբ և մի վերջ ունեցող գծի։ Հետագայում կտեսնենք, որ երբ ընդհանուր հարաբերականույթունը միացվի քվանտային մեխանիկայի անորոշության սկզբունքի հետ, հնարավոր կդառնա, որ այդ երկուսն էլ՝ և՛ տարածությունը, և՛ ժամանակը, վերջավոր լինեն՝ առանց ծայրակետի սահմանագծի։
[[Պատկեր:H3 4.svg|thumb]]
Այն միտքը, թե կարելի է տիեզերքի շուրջ պտտվել և վերադառնալ ելման կետ, լավ գիտական վիպագրության նյութ է, բայց դա գործնական մեծ նշանակություն ունենալ չի կարող, որովհետև կարելի է ցույց տալ, որ մինչև մարդ ավարտի իր ճամբորդությունը, տիեզերքը կսեղմվի (կկոլապսվի) իր զերոյական ծավալին։ Որպեսզի ճամփորդը վերադառնա ելման կետ տիեզերքի վախճանից առաջ, նա պետք լույսից ավելի արագ շարժվի, ինչը հնարավոր չէ։
Չնայած լույսը կազմված է ալիքներից, շարժվում է ալիքաձև, սակայն Պլանկի քվանտային հիպոթեզը պնդում է, որ որոշ դեպքերում այն իրեն պահում է այնպես, կարծես մասնիկը կազմված լինի և կարող է առաքվել կամ կլանվել միայն մասերով՝ քվանտներով։
[[Պատկեր:H4 1.svg|thumb]]
Մյուս կողմից՝ Հայզենբերգի անորոշության սկզբունքից բխում է, որ մասնիկները որոշ տեսակետից իրենց պահում են որպես ալիք, այսինքն՝ նրանք որոշակի տեղ չեն գրավում, այլ «ամպաձև», թեև որոշակի հավանականությամբ, բաշխված են տվյալ տարածքում։ Քվանտային մեխանիկայի տեսությունը հիմնված է բոլորովին նոր տեսակի մաթեմատիկայի վրա, որ իրական աշխարհն այլևս չի նկարագրում որպես մասնիկներ կամ ալիքներ, այլ որպես ալիքների ու մասնիկների մի երկվություն։ Որոշ նպատակներով հարմար է մասնիկները դիտարկել որպես ալիքներ, այլ նպատակների համար՝ ալիքները որպես մասնիկներ։ Դրա կարևոր հետևանքներից մեկը, որը կարելի է տեսնել, կոչվում է ինտերֆերենցիայի երևույթ՝ ալիքների և մասնիկների երկու շարքի միջև։ Ենթադրենք ալիքի մի շարքի գագաթները համընկել են մյուս շարքի փոսերի հետ։ Այդ դեպքում ալիքների երկու շարքը կոչնչացնեն միմյանց, արտաքուստ սպասվող՝ ալիքների ուժեղացման փոխարեն։
Լույսի ալիքների ինտերֆերենցիայի գեղեցիկ մի օրինակ է օճառի պղպջակի վրա գուների առաջացման երևույթը։ Դրա պատճառը պղպջակը կազմող ջրի բարակ թաղանթի՝ երկու կողմերից լույսի անդրադարձումն է։ Սպիտակ լույսը կազմված է տարբեր ալիքի երկարություն ունեցող կամ տարբեր գույն ունեցող լույսի ալիքներից։ Պղպջակի մի կողմից որոշ ալիքի երկարություններ ունեցող լույսի անդրադարձող ալիքների գագաթները կարող են հանդիպել մյուս կողմից անդրադարձող համապատասխան ալիքների փոսերին։ Այդ երկարության ալիքների համապատասխանող գույները կբացակայեն անդրադարձող լույսի մեջ, որի հետևանքով այն կերևա գունավոր։
[[Պատկեր:H4 2.svg|thumb]]
Ինտերֆերենցիայի երևույթը դիտվում է նաև մասնիկների համար՝ քվանտային մեխանիկայի ներմուծած երկվության շնորհիվ։ Հանրահայտ օրինակ է, այսպես կոչված, երկու նեղ ճեղքերի փորձը (նկ․ 4.2):
Նախորդ գլխում քննարկված արլիք֊մասնիկային երկվվությունն օգտագործելով՝ մենք տիեզերքում ամեն ինչ, ներառյալ նաև լույսը և գրավիտացիան, կարող ենք նկարագրել մասնիկային տեսանկյունից։ Այս մասնիկները մի հատկություն ունեն, որը կոչվում է սպին։ Սպինը ըմբռնելու համար սովորաբար մասնիկը պատկերացնում են որպես փոքր հոլ, որը պտտվում է իր առանցքի շուրջ։ Այդպիսի պատկերացումը խաբուսիկ է, որովհետև քվանտային մեխանիկայի համաձայն, մասնիկները ճշգրիտ սահմանված պտտման առանցք չունեն։ Սպին ասելով պիտի հասկանալ, թե ինչպես է երևում մասնիկը, երբ այն դիտարկվում է տարբեր ուղղություններից։ Օրինակ, սպին չունեցող (0 սպին ունեցող) մասնիկը նման է կետի, որը բոլոր ուղղություններով միանման է երևում երևում (նկ․5.1 ― 1)։ Մյուս կողմից մեկ սպին ունեցող մասնիկը նման է կետի և տարբեր ուղղություններից տարբեր է երևում։ Միայն մեկ լրիվ շրջապտույտից հետո (360 աստիճան) գալիս է նույն տեսքին (նկ․ 5.1 ― 2)։
[[Պատկեր:H5 1.svg|thumb]]
Իսկ 2 սպին ունեցող մասնիկը նման է երկկողմանի սլաքի (նկ․5.1 ― 3), այն նույն տեսքը կստանա կես (180 աստիճան) պտույտից հետո։ Նման ձևով ավելի մեծ սպին ունեցող մասնիկը նույնը կերևա, երբ պտտվի որոշակի անկյուններով։ Շատ տարօրինակ, բայց ուշադրության արժանի է այն, որ մասնիկներ կան, որոնք նույնը չեն երևում մի ամբողջ շրջան՝ 360 աստիճան, պտույտից հետո, որպեսզի դրանք նույնը երևան, պետք է երկու լրիվ շրջապտույտ կատարեն։ Այսպիսի մասնիկների սպինը պայմանականորեն ընդունված է 1/2:
Ուժերի չորրորդ դասը միջուկային փոխազդեցության հզոր ուժն է, որով քվարկներն իրար են կապվում պրոտոններում և նեյտրոններում, իսկ պրոտոնները և նեյտրոնները իրար են կապվում ատոմի միջուկում։ Կա այն կարծիքը, որ այս ուժը կրող մասնիկը 1 սպին ունի, այն կոչվում է գլյուոն և փոխազդում է ինքն իր և քվարկների հետ։ Հզոր միջուկային ուժը օժտված է շատ տարօրինակ հատկությամբ, որը կոչվում է կասեցում․ այն միշտ մասնիկներն իրար է կապում՝ առաջացնելով համակցություններ, որոնք գույն չունեն։ Քվարկը միայնակ չի կարող գոյություն ունենալ, որովհետև այն ունի գույն (կարմիր կանաչ և կապույտ)։ Որպեսզի այն գոյություն ունենա, պետք է կարմիր քվարկը միանա, ասենք, կանաչ և կապույտ քվարկների հետ գլյուոնների «լարանով» (կարմիր + կանաչ + կապույտ = սպիտակ)։ Այսպիսի եռյակ կազմություն է հենց պրոտոնը կամ նեյտրոնը։ Մեկ այլ հնարավորություն է քվարկ և հակաքվարկ զույգը (կարմիր+ հակակարմիր կամ կանաչ + հակականաչ կամ կապույտ = սպիտակ)։ Այսպիսի համակցություններն առաջացնում են, այսպես կոչված, մեզոններ, որոնք անկայուն են, քանի որ քվարկն ու հակաքվարկը կարող են իրար ոչնչացնել և առաջացնել էլեկտրոններ կամ այլ մասնիկներ։ Նման ձևով կասեցման հատկությունը թույլ չի տալիս նաև, որ գլյուոնը միայնակ գոյություն ունենա, քանի որ այն նույնպես գունավոր է։ Այս պատճառով կարող է գոյություն ունենալ գլյուոնների այնպիսի հավաքածու, որում գույների գումարը սպիտակ է։ Այդպիսի հավաքածուն առաջացնում է անկայուն մի մասնիկ, որը կոչվում է գլյուբոլ (անգլ․՝ սոսնձագունդ)։
[[Պատկեր:H5 2.svg|thumb|Նկ․ 5․ 2 Պրոտոնը և հակապրոտոնը բախվում են բարձր էներգիայի տակ առաջացնելով գրեթե ազատ քվարկների զույգ։]]
Այն փաստը, որ կասեցման հատկությունը թույլ չի տալիս դիտարկել քվարկը և գլյուոնը մեկուսացած վիճակում, թերևս մտածել տա, որ քվարկ ու գլյուոն հասկացությունները, որպես մասնիկներ, ինչ֊որ չափով մետաֆիզիկական են։ Սակայն հզոր միջուկային ուժը մի այլ հատկություն ունի, որը կոչվում է սիմպտոմային ազատություն և որոշակիորեն իմաստավորում է քվարկներ և գլյուոններ հասկացությունները։ Սովորական էներգիայի պայմաններում հզոր միջուկային ուժը իսկապես այնքան ուժեղ է, որ մեծ ուժով իրար է կապում քվարկները։ Բայց մեծ մասնիկային արագացուցիչներով կատարված փորձերը ցույց են տալիս, որ բարձր էներգիաների պայմաններում միջուկային ուժը շատ է թուլանում, և քվարկներն ու գլյուոնները իրենց պահում են որպես ազատ մասնիկներ։
Հասկանալու համար, թե մարդ ինչ կարող է տեսնել աստղի կոլապսի հետևանքով առաջացող սև խոռոչը դիտելիս, պետք է հիշել, որ համաձայն հարաբերականության տեսության, բացարձակ ժամանակ գոյություն չունի։ Յուրաքանչյուր դիտորդ ունի ժամանակի իր չափումը։ Աստղի գրավիտացիոն դաշտի պատճառով նրա վրա գտնվողի համար ժամանակն այլ է, քան նրանից որոշ հեռավորության վրա գտնվողի համար։ Ենթադրենք՝ մի անվեհեր տիեզերագնաց գտնվում է կոլապսի ենթարկվող աստղի մակերևույթին և աստղի հետ ինքն էլ է կոլապսվում և, իր ժամացույցով չափված, նա ամեն վայրկյան ազդանշան է ուղարկում դեպի աստղի շուրջ պտտվող տիեզերանավը։ Դիցուկ, նրա ժամացույցով ժամը 11.00֊ին աստղը կծկվելով փոքրացել է կրիտիկական շառավղից, և գրավիտացիոն դաշտը այնքան է ուժեղացել, որ որևէ ազդանշան այլևս չի կարող պոկվել նրանից և հասնել տիեզերանավին։ Մինչ ժամը մոտենում է 11.00֊ին, տիեզերանավի անձնակազմի համար ազդանշանների միջև ընկած ժամանակամիջոցները գնալով երկարում են, թեև այդ բանը ժամը 10 անց 59 րոպե 59 վայրկյանից առաջ շատ աննշան կլինի։ Այսպես, տիեզերագանացի10 անց 59 րոպե 58 վայրկյանին տրված ազդանշանից մինչև 10 անց 59 րոպե 59 վայրկյանի ազդանշանը մեկ վայրկյանից փոքր֊ինչ երկար կտևի, սակայն 11.00֊ի ազդանշանին նրանք կսպասեն անվերջ։ Տիեզերագնացի ժամացույցով ժամը 10 անց 59րոպե 59 վայրկանից մինչև 11.00֊ն աստղի մակերևույթից արձակված լույսի ալիքները ըստ տիեզերանավի անձնակազմի, կտարածվեն անսահման ժամանակամիջոցում։ Տիեզերանավին հասած՝ հաջորդական ալիքների միջև ընկած ժամանակամիջոցներն աստիճանաբար կերկարեն, ընդ որում աստղի ճառագայթումն աստիճանաբար ավելի կկարմրի և կթուլանա։ Ի վերջո աստղն այն աստիճան աղոտ կդառնա, որ տիեզերանավի համար կդառնա անտեսանելի, և այդ ամենի արդյունքում տիեզերքում կառաջանա մի սև խոռոչ։ Այնուամենայնիվ, աստղի գրավիտացիոն դաշտի ձգողության ուժը կգործի առաջվա նման, և տիեզերանավը կշարունակի պտտվել սև խոռոչի շուրջ։
[[Պատկեր:H6 1.svg|thumb]]
Այս սցենարը, սակայն, լրիվ չի համապատասխանում իրականությանը հետևյալ պատճառով․ ձգողության ուժը թուլանում է աստղի մակերևույթից հեռանալիս, հետևաբար, այն միշտ ավելի ուժեղ կլինի մեր անվեհեր տիեզերագնացի ոտքերի մոտ, քան գլխի վրա։ Ուժերի այս տարբերությունը տիեզերագնացին կձգի մակարոնի նման և կամ բաժան֊բաժան կանի նրան՝ աստղը դեռ իր կրիտիկական շառաղվին չհասած, երբ ձևավորվում է պատահույթի հորիզոնը։ Սակայն մենք կարծում ենք, որ տիեզերքում կան ավելի զանգվածեղ մարմիններ, ինչպես գալակտիկաների կենտրոնական տիրույթները, որոնք կարող են գրավիտացիոն կոլապսի ենթարկվել և սև խոռոչ առաջացնել։ Այդ տեղերից մեկում գտնվող տիեզերագնացը մինչև սև խոռոչ առաջանալը կտոր֊կտոր չի լինի։ Կրիտիկական շառաղվին հասնելիս նա, փաստորեն, առանձնահատուկ ոչինչ չի զգում և անցում է կատարում դեպի անդարձություն՝ դա չնկատելով։ Այնուամենայնիվ, մինչ տիրույթը շարունակում է կոլապսվել, մի քանի ժամվա ընթացքում գրավիտացիոն ձգողական ուժերի տարբերությունը տիեզերագնացի ոտքերի և գլխի վրա այն աստիճան կմեծանա, որ նրան դարձյալ բաժան֊բաժան կանի։
Մենք այժմ փաստեր ունենք մեր գալակտիկայում Սիգնա x―1֊ի նման համակարգերում և երկու հարևան գալակտիկաներում, որոնք կոչվում են Մագելանի ամպեր, մի քանի այլ խոռոչների գոյության մասին նույնպես։ Սակայն, տարակույս չկա, որ հավանաբար սև խոռոչների թիվն ավելի մեծ է․ տիեզերքի տևական պատմության ընթացքում բազմաթիվ աստղեր սպառած պիտի լինեին իրենց միջուկային վառելանյութը և կոլապսի ենթարկված։ Սև խոռոչների թիվը կարող է ավելի մեծ լինել, քան տեսանելի աստղերինը, ինչր միայն մեր գալակտիկայում հասնում է հարյուր հազար միլիոնի։ Ավելի մեծ թվով սև խոռոչների հավելյալ գրավիտացիոն ձգողական ուժը կարող է բացատրել մեր գալակտիկայի պտտական շարժման արագությունը․ տեսանելի աստղերի զանգվածը բավարար չէ դրա համար։ Որոշ փաստեր ունենք նաև այն մասին, որ մեր գալակտիկայի կենտրոնում մի մեծ սև խոռոչ կա, որի զանգվածը մոտ հարյուր հազար անգամ մեծ է արեգակի զանգվածից։ Գալակտիկայի այն աստղերը, որոնք մոտենում են այդ հսկա մեծ խոռոչին, դրան մոտ և հեռավոր կողմերի վրա ազդող գրավիտացիոն ուժերի տարբերության պատճառով, կտոր֊կտոր են լինում։ Դրանց մնացորդները և այդ աստղերից ժայթքող գազերն ընկնում են սև խոռոչի մեջ։ Ինչպես Սիգնուս x―1֊ի պարագայում գազերը պարուրաձև ներս են քաշվում և տաքանում, թեև ոչ այն աստիճան, ինչպես Սիգնուսի դեպքում։ Այստեղ ջերմությունը չի բավարարում ռենտգենյան ճառագայթների համար, սակայն բավարար է ռադիոալիքների և ինֆրակարմիր ճառագայթման շատ խիտ աղբյուր լինելու համար, որը և դիտվում է գալակտիկայի կենտրոնում։
[[Պատկեր:H6 2.svg|thumb|Նկ․ 6․ 2 Լուսանկարի կենտրոնում կրկնակի աստղերից ավելի պայծառը Սիգնուս X֊1֊ն է, որն ըստ ենթադրության բաղկացած է սեւ խոռոչից և բնականոն աստղից, որոնք պտտվում են միմյանց շուրջ։]]
Այն կարծիքը կա, թե նման և նույնիսկ ավելի մեծ սև խոռոչներ կան քվազարների կենտրոններում, որոնց զանգվածն արեգակի զանգվածից մեծ է մոտ հարյուր միլիոն անգամ։ Միայն այդպիսի գերզանգված ունեցող սև խոռոչների մեջ նյութի մուտքը կարող է առաջացնել հզոր էներգիայի աղբյուր, որով և բացատրվում է դրանցից հսկայական էներգիայի արձակումը։ Երբ նյութը պարուրաձև մտնում է սև խոռոչի մեջ, վերջինիս ստիպում է պտտվել նույն ուղղությամբ և առաջացնել մագնիսական դաշտ՝ հար և նման երկրի մագնիսական դաշտին։ Ներս լցվող նյութը պատճառ է դառնում, որ սև խոռոչի մոտերքում առաջանան շատ բարձր էներգիա ունեցող մասնիկներ։ Մագնիսական դաշտն այնքան հզոր կլինի, որ նրա ազդեցության տակ մասնիկները կկիզակետվեն և դուրս կժայթքեն սև խոռոչի պտտման առանցքի ուղղությամբ, այսինքն՝ դրա հյուսիսային և հարավային բևեռների ուղղությամբ։ Այդպիսի ժայթքումներ իրոք դիտվել են մի շարք գալակտիկաներում և քվազարներում։
Կարելի է նաև ենթադրել, որ արեգակից շատ փոքր զանգված ունեցող սև խոռոչներ նույնպես կան։ Այդպիսի սև խոռոչները չեն կարող առաջացած լինել գրավիտացիոն կոլապսից, քանի որ նրանց զանգվածները Չանդրասեկհարի սահմանային մեծությունից փոքր են․ այդքան փոքր զանգված ունեցող աստղերը կարող են դիմակայել գրավիտացիոն ուժերին, անգամ եթե սպառել են իրենց միջուկային վառելանյութը։ Փոքր զանգված ունեցող սև խոռոչները կարող են առաջանալ այն ժամանակ, երբ նյութը չափազանց խտանում է շատ բարձր արտաքին ճնշումների ազդեցությամբ։ Այսպիսի պայմաններ կարող են ստեղծվել շատ մեծ ջրածնային ռումբի մեջ։ Ֆիզիկոս Ջոն Ուիլերը հաշվել է, որ եթե աշխարհի բոլոր օվկիանոսներում եղած ամբողջ ծանր ջուրը<ref>Ծանր ջրի մոլեկուլներում ջրածնի բոլոր ատոմները փոխարինված են ծանր ջրածնի (դեյտերիումի) ատոմներով։ Սովորական ջուրը, այսպես ասած, «թեթև» և «ծանր» ջրերի խառնուրդ է, իսկ «ծանր» և «թեթև» ջրածինները իրարից տարբերվում են միջուկում եղած նեյտրոնների թվով (առաջինում մեկ, երկրորդում՝ զերո)։</ref> հավաքենք, ապա դրանից պատրաստված ջրածնային ռումբն այնպիսի մի ճնշում կառաջացնի, և նյութը կենտրոնում այն աստիճան կսեղմվի, որ կառաջանա մի սև խոռոչ։ (Իհարկե, մարդ չի մնա դա դիտելու համար)։ Գործնականում հնարավոր է, որ տիեզերքի սկզբնական շրջանում բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում փոքր զանգված ունեցող սև խոռոչներ առաջացած լինեն։ Սև խոռոչներ կարող էին առաջանալ, եթե նախնական տիեզերքը կատարյալ հարթ և միօրինակ եղած չլիներ, որովհետև միայն միջինից ավելի խիտ մի տիրույթ կարող էր այն աստիճան սեղմվել, որ սև խոռոչ առաջանար։ Սակայն մենք գիտենք, որ ինչ֊որ խախտումներ պետք է եղած լինեն, հակառակ դեպքում նյութը մինչև օրս կատարյալ միօրինակ ձևով բաշխված կլիներ, աստղերով և գալակտիկաներով խմբավորված լինելու փոխարեն։
[[Պատկեր:H6 3.svg|thumb| Նկ․ 6․3]]
Թե աստղերի և գալակտիկաների առաջացման համար անհրաժեշտ այդ խախտումները պատճառ եղե՞լ են արդյոք, որպեսզի որոշակի քանակությամբ «նախասկզբնական» սև խոռոչներ ևս ստեղծվեին՝ կախված է միայն նախնական տիեզերքի պայմանների մանրամասներից։ Հետևաբար, եթե կարողանանք որոշել, թե որքան նախասկզբնական սև խոռոչներ կան այսօր, մենք շատ բան կիմանանք տիեզերքի շատ վաղ անցյալի վիճակի մասին։ Նախասկզբնական այնպիսի սև խոռոչները, որոնց զանգվածը հազար միլիոն տոննայից մեծ է (մեծ լեռան զանգվածի չափ), կարելի է հայտնաբերել միայն, որոշելով նրանց գրավիտացիոն ազդեցությունը այլ տեսանելի նյութի կամ տիեզերքի ընդարձակման վրա։ Սակայն ինչպես հաջորդ գլխում կտեսնենք, սև խոռոչները իրականում այնքան էլ սև չեն, նրանք տաք մարմնի նման լուսարձակում են և որքան փոքր են, այնքան ուժեղ է լուսարձակումը։ Այսպիսով, որքան էլ պարադոքսային թվա, ստացվում է, որ փոքրիկ, սև խոռոչներն ավելի հեշտ է հայտնաբերել, քան մեծերը։
1970֊ից առաջ ընդհանուր հարաբերականության ասպարեզում իմ կատարած ուսումնասիրությունների կենտրոնում գլխավորապես Մեծ պայթյունի եզակիության հարցն էր։ Այդ տարվա նոյեմբերի մի երեկո իմ աղջկա՝ Լյուսիի ծննդից քիչ հետո, քնելու պատրաստվելիս ես սկսեցի մտածել սև խոռոչների մասին։ Հաշմանդամությանս պատճառով դանդաղ եմ տեղաշարժվում, այդ պատճառով ես շատ ժամանակ ունեի մտածելու։ Այն ժամանակ չկար որոշակի սահմանում, թե տարածության֊ժամանակի որ կետերն են գտնվում սև խոռոչի ներսում, որոնք՝ նրանից դուրս։ Ես արդեն Ռոջեր Պենրոուզի հետ քննարկել էր այն գաղափարը, որ սև խոռոչը պիտի սահմանել որպես պատահույթների մի շարք, որից հնարավոր չէ ձերբազատվել և բավականին հեռանալ․ մի սահմանում, որն այսօր համընդհանուր ընդունելության է արժանացել։ Սա նշանակում է, որ սև խոռոչի սահմանագիծը՝ պատահութային հորիզոնը, տարածություն֊ժամանակի մեջ առաջանում է լույսի ճառագայթների այն ուղիներով, որոնք պարզապես չեն կարողանում ձերբազատվել սև խոռոչից և մշտապես սավառնում են եզրագծում (նկ․7.1): Սա փոքր֊ինչ նման է այն դեպքին, երբ մարդ փախչում է ոստիկանությունից և հազիվ է հասցնում մի քայլ առաջ ընկնել, բայց երբեք նրանից լրիվ ազատվել չի կարողանում։
[[Պատկեր:H7 1.svg|thumb]]
Ես հանկարծ գլխի ընկա, որ լուսային ճառագայթների ուղիները երբեք իրար չեն կարող մոտենալ։ Եթե մոտենային, ապա նրանք ի վերջո պետք է խառնվեին իրար։ Վիճակը նման կլիներ այն դեպքին, երբ ոստիկանությունից փախչողը բախվեր հակառակ ուղղությամբ ընթացող և ոստիկանի կողմից հետապնդվող մի ուրիշի հետ՝ երկուսն էլ տեղն ու տեղը կբռնվեին (կամ, այս դեպքում, կընկնեին սև խոռոչի մեջ)։ Սակայն, եթե սև խոռոչը կլաներ այս լուսային ճառագայթները, ապա նրանք սահմանագծի վրա չէին կարող լինել։ Հետևաբար, պատահութային հորիզոնում լուսային ճառագայթների ուղիները կամ պետք է միշտ իրար զուգահեռ շարժվեն և կամ իրարից հեռանան։ Այլ կերպ ասած, պատահութային հորիզոնը՝ սև խոռոչի սահմանագիծը, նման է ստվերի՝ եզրի վերահաս կործանման ստվերի։ Եթե ուշադիր դիտենք հեռավոր լուսաղբյուրի, ինչպես օրինակ, արեգակի առաջացրած ստվերը, կտեսնենք, որ եզրում լույսի ճառագայթներն իրար չեն մոտենում։
[[Պատկեր:H7 2.svg|thumb|Նկ․ 7․2 և 7․3]]
Հետևաբար, եթե պատահութային հորիզոնը՝ սև խոռոչի սահմանագիծը, կազմող լույսի ճառագայթները երբեք իրար չեն կարող մոտենալ, նշանակում է, որ պատահութային հորիզոնի մակերեսը կարող է ժամանակի ընթացքում նույնը մնալ կամ մեծանալ, բայց երբեք չի կարող փոքրանալ։ Քանի որ այս վերջին դեպքում սահմանի լույսի որոշ ճառագայթներ պետք է որ իրար մոտենային։ Իրականում մակերեսը կմեծանա՝ սև խոռոչի մեջ նյութ կամ ճառագայթում ընկնելիս (նկ․ 7.2)։ Կամ եթե երկու խոռոչներ բախվեն և միանան ու մի նոր սև խոռոչ առաջացնեն, ապա վերջինիս պատահութային հորիզոնի մակերեսը կարող է մեծ լինել կամ հավասար երկու սկզբնական սև խոռոչների պատահութային հորիզոնների մակերեսների գումարին ( նկ․ 7.3)։ Պատահութային հորիզոնի մակերեսի չփոքրանալու այդ հատկությունը սահմանափակում է սև խոռոչի հնարավոր վարքագիծը։ Այս հայտնագործությունն ինձ այն աստիճան ոգևորեց, որ ես չկարողացա քնել։ Հաջորդ օրը զանգահարեցի Ռոջեր Պենրոուզին։ Նա համաձայնեց իմ կարծիքին։ Կարծում եմ, որ նա, փաստորեն, իրազեկ էր սև խոռոչի մակերեսի այդ հատկությանը։ Թեև նա սև խոռոչի համար փոքր֊ինչ այլ սահմանում էր տալիս, բայց գլխի չէր ընկել, որ երկու սահմանումների պարագայում էլ սև խոռոչի սահմանները և նրանց մակերեսները նույնը կլինեն, եթե իհարկե, սև խոռոչը հասել է այնպիսի մի վիճակի, որը ժամանակի ընթացքում այլևս փոփոխության չի ենթարկվում։
Իսկ այդ ինչպե՞ս է պատահում, որ սև խոռոչը, պարզվում է, մասնիկներ է առաքում, երբ մենք գիտենք, որ նրա պատահութային հորիզոնից ոչինչ դուրս պոկվել չի կարող։ Դրա պատասխանը, համաձայն քվանտային մեխանիկայի, այն է, որ մասնիկները ոչ թե սև խոռոչի ներսից են գալիս, այլ այն «դատարկ» տարածությունից, որը գտնվում է պատահութային հորիզոնից փոքր֊ինչ դուրս։ Այս բանը կարելի է հասկանալ հետևյալ ձևով։ Այն ինչ մենք կոչում ենք «դատարկ» տարածություն, լրիվ դատարկ չի կարող լինել, քանի որ դա կնշանակեր, որ բոլոր տեսակի դաշտերը, ինչպես օրինակ, գրավիտացիոն կամ էլեկտրամագնիսական դաշտերը, պետք է լինեն զերո։ Սակայն դաշտի մեծությունը և նրա փոփոխման արագությունն ըստ ժամանակի նման են համապատասխանաբար մասնիկի դիրքին և արագությանը, որոնք որոշվում են ըստ անորոշության սկզբունքի՝ որքան ավելի ճշգրիտ իմանանք դրանցից մեկը, այնքան ավելի նվազ ճշգրիտ կիմանանք մյուսը։ Հետևաբար, դատարկ տարածության մեջ դաշտի մեծությունը չի կարելի ճշգրտորեն ընդունել զերոյին հավասար, որովհետև այդ դեպքում երկուսն էլ՝ և՛դաշտի մեծությունը, և՛ դրա փոփոխությունն ըստ ժամանակի ճշգրիտ (զերո) արժեք կունենան։ Պետք է, որ նվազագույն չափի անորոշություն լինի, կամ դաշտի մեծության մեջ լինեն քվանտային տատանումներ։ Այդ տատանումները կարելի է ընդունել որպես լույսի կամ գրավիտացիայի մասնիկների զույգեր, որոնք որոշ ժամանակ միասին են երևում, հեռանում են իրարից և ապա նորից միանում ու ոչնչացնում են իրար։ Այդ մասնիկները վիրտուալ մասնիկներ են, ինչպես այն մասնիկները, որոնք կրում են արեգակի գրավիտացիոն ուժը, և, ի տարբերություն իրական մասնիկների, դրանք ուղղակի դիտարկման ենթակա չեն մասնիկային դետեկտորով։ Սակայն վիրտուալ մասնիկների աննուղակի ազդեցությունը, ինչպես ատոմի և էլեկտրոնի ուղեծրերի էներգիայի փոքր փոփոխությունները, կարելի է չափել, ինչը մեծ ճշտությամբ համընկնում է տեսական հաշվումների հետ։ Անորոշության սկզբունքը նույնպես կանխագուշակում է, որ նյութական մասնիկների, ինչպիսիք են էլեկտրոնները կամ քվարկները, նմանատիպ վիրտուալ զույգեր պետք է լինեն։ Այս դեպքում, սակայն, զույգի մի անդամը կլինի մասնիկ, մյուսը՝ հակամասնիկ։ (Լույսի և գրավիտացիայի հակամասնիկները նույնն են, ինչ մասնիկներինը)։
[[Պատկեր:H7 4.svg|thumb]]
Որովհետև ոչնչից էներգիա ստանալ հնարավոր չէ, ուստի մասնիկ֊հակամասնիկ զույգերից մեկը պետք է ունենա դրական էներգիա, մյուսը՝ բացասական։ Քանի որ իրական մասնիկները բնական պայմաններում ունեն դրական էներգիա, ապա բացասական էներգիան ստիպված պետք է վերագրել կարճատև կյանք ունեցող վիրտուալ մասնիկներին։ Հետևաբար, վիրտուալ մասնիկը փնտրելու է իր զուգընկերոջը և ոչնչանալու է նրա հետ։ Մեծ զանգված ունեցող մարմնից հեռու գտնվող իրական մասնիկի էներգիան մեծ կլինի մարմնի մեջ պարփակված վիճակում նրա էներգիայից, քանի որ նրան մարմնից հեռացնելիս հարկավոր է աշխատանք կատարել գրավիտացիոն ձգողության դեմ։ Բնական պայմաններում մասնիկի էներգիան դեռևս դրական է, բայց, քանի որ սև խոռոչի գրավիտացիոն դաշտը շատ հզոր է, այնտեղ ընկնելիս նույնիսկ իրական մասնիկը կունենա բացասական էներգիա։ Հնարավոր է նաև, որ բացասական էներգիա ունեցող վիրտուալ մասնիկն ընկնի սև խոռոչի մեջ և վերափոխվի իրական մասնիկի կամ հակամասնիկի։ Այս դեպքում վիրտուալ մասնիկն իր զուգընկերոջ հետ չի ոչնչանա։ Նրա լքյալ զուգընկերը նույնպես կարող է ընկնել սև խոռոչի մեջ, կամ, օժտված լինելով դրական էներգիայով, կարող է նաև հեռանալ սև խոռոչի մոտակայքից՝ որպես իրական մասնիկ կամ հակամասնիկ (նկ․ 7.4)։ Հեռվից դիտորդին կթվա, թե դա սև խոռոչից է արձակվել։ Եվ որքան փոքր է սև խոռոչը, այնքան ավելի կարճ ճանապարհ կանցնի բացասական էներգիա ունեցող մասնիկը մինչև իրական մասնիկ դառնալը, հետևաբար այնքան մեծ կլինի առաքման արագությունը և սև խոռոչի թվացող ջերմաստիճանը։
Սակայն իրական ժամանակում տիեզերքի պատմությունն այլ տեսք կունենա։ Մոտավորապես տասը կամ քսան հազար միլիոն տարի առաջ իր նվազագույն չափսն ուներ, որը հավասար էր կեղծ ժամանակում նրա պատմության առավելագույն շառավղին։ Հետագա իրական ժամանակներում տիեզերքը պետք է ընդարձակվեր Լինդեի առաջարկած քաոսային հարաճուն ընդարձակման մոդելի համաձայն (բայց պետք չէ ենթադրել, որ տիեզերքը ստեղծվել է ճշգրտված որոշակի վիճակում)։ Տիեզերքը պետք է ընդարձակվի, հասնի մեծ չափի և ի վերջո կոլապսվի ու վերածվի մի այնպիսի վիճակի, որը իրական ժամանակի մեջ նման կլինի եզակիության։ Այսպիսով, որոշ իմաստով մենք կործանման ենք դատապարտված, նույնիսկ եթե մեզ հաջողվի սև խոռոչներից հեռու մնալ։ Միայն այն դեպքում, երբ մենք տիեզերքը կարողանանք պատկերացնել կեղծ ժամանակում, եզակիություններ չեն լինի։
[[Պատկեր:H8 1.svg|thumb|Նկ․ 8․1]]
Եթե տիեզերքը իրոք գտնվի այդպիսի մի քվանտային վիճակում, ապա կեղծ ժամանակում նրա պատմությունը եզակիություններ չի կարող ունենալ։ Հետևաբար կարող է թվալ, որ իմ վերջին աշխատանքը լրիվ արժեզրկում է եզակիությունների մասին ավելի վաղ կատարած իմ գործը։ Բայց, ինչպես ցույց տրվեց վերևում, եզակիության թեորեմների իրական կարևորությունն այն էր, որ նրանք ցույց տվեցին, որ գրավիտացիոն դաշտը կարող է այն աստիճան ուժեղանալ, որ քվանտային ձգողական ազդեցությունները չի կարելի անտեսել։ Այս բանը հանգեցրեց այն մտքին, որ տիեզերքը կեղծ ժամանակում կարող է վերջավոր լինել, բայց առանց սահմանների ու եզակիությունների։ Երբ վերադառնանք դեպի իրական ժամանակը, որում մենք ապրում ենք, այնուամենայնիվ, եզակիություններ միշտ կլինեն։ Սև խոռոչի մեջ ընկնելիս խեղճ տիեզերագնացի վերջը միշտ վատ կլինի․ եթե նա ապրեր կեղծ ժամանակում, ապա այդ պարագայում միայն չէր հանդիպի եզակիությունների։
Եթե դուք հիշեք այս գրքում եղած բոլոր բառերը, ապա ձեր հիշողությունը կարձանագրի մոտավորապես երկու միլիոն միավոր տարբեր տեղեկություններ, իսկ ձեր ուղեղում կարգուկանոնը կաճի մոտավորապես նույնքան։ Մյուս կողմից, այս գիրքը կարդալիս դուք սննդի ձևով ստացած առնվազն հազար կալորիա կարգավորված էներգիա կփոխանակեք անկանոն էներգիայի՝ ջերմության, որը շրջապատին կհաղորդեք կոնվեկցիայի կամ քրտինք գոլորշիացնելու ձևով։ Դա կբերի տիեզերքի անկանոնության մոտավորապես միլիոն միլիոն միլիոն միլիոն միավորով աճի, որը համապատասխանում է ձեր ուղեղում կարգավորվածության տաս միլիոն միլիոն միլիոն անգամ աճին, իսկ դա կկատարվի այն դեպքում, եթե դուք հիշեք իմ գրքում կարդացած ամեն ինչը։ Հաջորդ գլխում ես կաշխատեմ մինչև կոկորդը անորոշությունների մեջ խրված մեր մտածումներում ինչ֊որ չափով կարգավորվածություն մտցնել, բացատրելով, թե ինչպես են մարդիկ փորձում իրար հարմարեցնել նկարագրածս մասնակի տեսությունները, որոնք ես նկարագրել եմ, որպեսզի ստեղծվի տիեզերքի բացատրությունն ամփոփող մի կատարյալ միասնական տեսություն։<ref>Այնուամենայնիվ, երբեմն հարց է տրվում, թե ի՞նչ է ժամանակը, արդյո՞ք դա մի առեղծված չէ։ Այդ հարցին Ռ․ Ֆեյնմանը պատասխանել է․ «Մենք՝ ֆիզիկոսներս ամեն օր գործ ունենք ժամանակի հետ, բայց մեզ մի հարցրեք, թե ինչ բան է այն։ Շատ դժվար է խոսել այդ մասին»։ Ջ․ Բոսլոն պատմում է, որ ինքը Օստրեն քաղաքի մի սրճարանի պատի վրա կարդացել է հետևյալ մակագրությունը․ «Ժամանակը բնության կողմից ձեռք առնված մի միջոց է, որպեսզի ամեն ինչ միանգամից տեղի չունենա»։ Հոքինգն այստեղ ցույց է տալիս, որ առանց շարժման՝ ժամանակի հասկացությունն անիմաստ է։ Արդարև, ըստ Ջ․ Ուիլերի՝ «տիեզերքը նկարագրելու համար ժամանակը չի կարող եզրափակիչ հանգամանք լինել», քանի որ «այն լոկ մի չափականություն է, ինչպես տարածությունը, և բնության երկրորդական հատկանիշ է»։ Եվ վերջապես, ինչպես Հոքինգն է պնդում, բնության համար միայն մեկ բացարձակ մեծություն կա, դա ժամանակը չէ, այլ լույսի արագության հաստատունությունը։</ref>
==10==
Ֆիզիկայի միասնականությունը
Ինչպես առաջին գլխում ցույց տրվեց, շատ դժվար է միանգամից կառուցել լրիվ միասնական մի տեսություն, որը ընդգրկի տիեզերքն ամբողջությամբ վերցրած։ Դրա փոխարեն, մենք հաջողությունների ենք հասել մասնակի տեսությունների մշակման մեջ, որոնք նկարագրում են մի շարք որոշակի երևույթներ՝ արհամարհելով այլ գործոններ կամ դրանք արտահայտելով մոտավորապես որոշակի թվերով։ (Քիմիան, օրինակ, թույլ է տալիս հաշվել ատոմների փոխազդեցություններն՝ առանց իմանալու ատոմի միջուկի ներքին կառուցվածքը)։ Այնուամենայնիվ, հույս կա, որ ի վերջո ստեղծվի ամբողջական հետևողական միասնական մի տեսություն, որում ընգրկված կլինեն բոլոր մասնակի տեսությունները որպես մոտավորություններ, և հարկ չի լինի որոշ պայմանական թվեր ներմուծել տեսությունը փաստերին ներդաշնակելու համար։ Այն որոնումները, որոնք տարվում են այդպիսի տեսության ստեղծման ուղղությամբ, հայտնի են որպես «ֆիզիկայի միասնականացում»։ Էյնշտեյնն իր կյանքի վերջին տարիների մեծ մասը նվիրեց այդպիսի միասնական տեսության ստեղծման գործին, բայց հաջողության չհասավ, որովհետև ժամանակները դրա համար չէին հասունացել․ կային գրավիտացիոն և էլեկտրամագնիսական ուժերի մասնակի տեսություններ, սակայն շատ քիչ բան էր հայտնի միջուկային ուժերի մասին։ Դեռ ավելին, Էյնշտեյնը հավատ չընծայեց քվանտային մեխանիկային, չնայած, որ նա ինքը կարևոր դեր է խաղացել դրա զարգացման մեջ։ Ակնհայտ է, որ անորոշության սկզբունքը մեր տիեզերքի հիմնարար առանձնահատկությունն է։ Հետևաբար, ցանկացած հաջող միասնական տեսություն անհրաժեշտորեն պետք է ներառի այդ սկզբունքը։
Ինչպես հետագայում կտեսնենք, այդպիսի տեսություն գտնելու հեռանկարներն այժմ շատ ավելի մեծ են, որովհետև մենք այժմ ավելի շատ բան գիտենք տիեզերքի մասին։ Բայց պետք է զգուշանանք չափազանց ինքնավստահությունից․ անցյալում սխալ հայտնագործություններ շատ են եղել։ Օրինակ, այս դարասկզբին կարծում էին, թե ամեն ինչ կարելի է բացատրել շարունակական, հարափոփոխ նյութի հատկությունների օգնությամբ, ինչպիսիք են առաձգականությունն ու ջերմահաղորդականությունը։ Ատոմի կառույցի և անորոշության սկզբունքի հայտնագործությունը մեկընդմիշտ վերջ տվեցին դրան։ Հետո դարձյալ 1928֊ին ֆիզիկոս և նոբելյան մրցանակակիր Մաքս Բորնը Գյոթինգենի համալսարանում մի խումբ այցելուների ասաց, թե «ֆիզիկան այնպես, ինչպես մենք այն գիտենք, վեց ամիս հետո չի լինի այլևս»։ Ինքնավստահության հիմքն այն էր, որ Դիրակն այդ օրերին հայտնագործել էր մի հավասարում, որը նկարագրում էր էլեկտրոնի վարքը։ Այն կարծիքն էր տարածված, թե նմանօրինակ մի հավասարում էլ պիտի լինի պրոտոնի համար, որն այն ժամանակ հայտնի մյուս մասնիկն էր, և ահա տեսական ֆիզիկան կկործանվի։ Սակայն նեյտրոնի և միջուկային ուժերի հայտնագործությունը դրա գլխին էլ տվեց։ Այս բոլորն ասելով՝ ես դեռևս հավատում եմ, որ զգուշավոր լավատեսության հիմքեր կան հուսալու, որ մեր որոնումները մոտենում են վերջակետին՝ բնության վերջնական օրենքներին հասնելու գործում։
Նախորդ գլուխներում ես նկարագրել եմ ընդհանուր հարաբերականությունը, գրավիտացիոն մասնակի տեսությունը և այն մասնակի տեսությունները, որոնք բնորոշում են թույլ, ուժեղ և էլեկտրամագնիսական ուժերը։ Վերջին երեք ուժերը կարելի է միավորել, այսպես ասած, մեծ միասնական տեսությունների՝ ՄՄՏ֊ի մեջ։ Պետք է ասել, որ այս միասնական տեսությունները թերի են, որովհետև գրավիտացիան չեն ընդգրկում և պարունակում են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են տարբեր մասնիկների հարաբերական զանգվածները, որոնք տեսությունից չեն բխում, այլ ընտրվում են դիտարկումներին համապատասխան։ Մյուս ուժերի հետ գրավիտացիայի միավորման տեսության ստեղծումը հիմնականում դժվարանում է այն պատճառով, որ ընդհանուր հարաբերականության տեսությունը «դասական» մի տեսություն է, այսինքն չի ընդգրկում քվանտային մեխանիկայի անորոշության սկզբունքը։ Մյուս կողմից, մնացած մասնակի տեսությունները հիմնականում կախված են քվանտային մեխանիկայից։ Հետևաբար առաջին անհրաժեշտ քայլն ընդհանուր հարաբերականության և քվանտային մեխանիկայի միավորումն է։ Ինչպես մենք արդեն տեսանք, այդպիսի միավորումը կարող է որոշ հատկանշական հետևանքներ առաջացնել, ինչպես այն, որ սև խոռոչներն այնքան էլ սև չեն, ճառագայթում են<ref>Դա այսօր հայտնի է որպես հոքինգյան ճառագայթում</ref> և այն, որ տիեզերքը եզակիություններ չունի, բայց լրիվ ինքնապարփակ է և անսահման։ Դժվարությունն այն է, ինչպես բացատրվել է 7֊րդ գլխում, որ անորոշության սկզբունքը նշանակում է, որ նույնիսկ «դատարկ» տարածությունը լցված է վիրտուալ մասնիկների և հակամասնիկների զույգերով։ Այս զույգերը պետք է անսահման քանակի էներգիա ունենան, հետևաբար, Էյնշտեյնի հայտնի E=mc² հավասարման համաձայն՝ անսահման քանակի զանգված։ Նրանց գրավիտացիոն ձգողությունը պետք է որ տիեզերքը կծկի և անսահման փոքրացնի։
Համարյա համանման, անհեթեթ թվացող անսահմանություններ են առաջանում մյուս մասնակի տեսություններում, բայց այս բոլոր պարագաներում անսահմանությունները կարող են վերացվել վերանորմալացում կոչվող եղանակի օգնությամբ։ Դրա էությունն այն է, որ անսահմանությունները վերացվում են այլ անսահամնություններ ներմուծելով։ Թեև այս եղանակը մաթեմատիկորեն բավական կասկածելի է, բայց իրականում թվում է, թե գործում է և, այս տեսությունների հետ օգտագործվելով, թույլ է տալիս այնպիսի կանխագուշակումներ անել, որոնք արտակարգ ճշտությամբ համընկնում են դիտարկումների հետ։ Կատարյալ տեսության մշակման որոնման տեսանկյունից, սակայն, վերանորմալացումը մի լուրջ թերություն ունի, որովհետև նշանակում է, որ զանգվածների և ուժերի ուժգնությունների փաստական արժեքները չի կարելի տեսականորեն կանխագուշակել, այլ պետք է ընտրել դիտարկումներին համապատասխան։
Անորոշության սկզբունքն ընդհանուր հարաբերականության տեսություն ներմուծելու համար պետք է հարմարեցնել միայն երկու մեծություն՝ գրավիտացիայի ուժգնությունը և տիեզերաբանական հաստատունի արժեքը։
Սակայն սրանց հարմարեցումը բավարար չէ ազատվելու համար բոլոր անորոշություններից։ Հետևաբար, գործում է մի տեսություն, որի համաձայն, որոշակի մեծություններ, ինչպես, օրինակ, տարածություն֊ժամանակի կորությունը, իսկապես անսահման են, բայց և այնպես այդ մեծությունները<ref>գրավիտացիոն և տիեզերական հաստատունները</ref> կարող են դիտարկվել և չափվել որպես կատարելապես վերջավոր։ Ընդհանուր հարաբերականության տեսության և անորոշության սկզբունքի միավորման հիմնախնդիրը որոշ ժամանակ ի վեր ակնկալվում էր, բայց վերջնականապես հաստատվեց 1972֊ին մանրամասն հաշվարկներով։ Չորս տարի անց առաջարկվեց հնարավոր մի լուծում, որը կոչվում էր «գերգրավիտացիա»։ Դրա էությունը հետևյալն էր․ 2֊սպին ունեցող մասնիկը, որը կոչվում է գրավիտոն և գրավիտացիոն ուժի կրողն է, միավորել 3/2, 1, 1/2 և 0 սպին ունեցող նոր մասնիկների հետ։ Որոշ իմաստով բոլոր այս մասնիկները կարելի է համարել նույն «գերմասնիկի» տարբեր կերպարանքներ, և դրանով 1/2 և 3/2 սպինային նյութական մասնիկները միավորել 0, 1 և 2 սպինային ուժակիր մասնիկների հետ։ 1/2 և 3/2 սպինային վիրտուալ մասնիկ֊հակամասնիկ զույգերը բացասական էներգիա կունենան և այսպիսով կձգտեն ոչնչացնել 2, 1 և 0 սպինային վիրտուալ զույգերի դրական էներգիան։ Դա պետք է բերեր շատ հնարավոր անսահմանությունների վերացման, բայց ակնկալվում էր, որ որոշ թվով անսահմանություններ դեռևս կարող են մնալ։ Սակայն այդպիսի անսահմանությունների որոշման համար պահանջվող հաշվումներն այնքան երկար և դժվարին էին, որ ոչ ոք դրանք չձեռնարկեց։ Նույնիսկ հաշվողական մեքենայով դա կատարելու համար առնվազն չորս տարի կպահանջվեր և հնարավոր է, որ մեկ կամ ավելի սխալներ կատարվեին։ Հետևաբար, պատասխանի ճշտությանը մարդ կարող էր վստահ լինել միայն այն ժամանակ, եթե մեկ ուրիշը հաշվարկումները կրկներ և նույն պատասխանը ստանար, որն այնքան էլ հավանական չէր թվում։
Հակառակ այս հիմնախնդիրներին և այն փաստին, որ գերգրավիտացիոն տեսությունների մեջ նկատի առնվող մասնիկները չեն համապատասխանում սովորաբար դիտարկված մասնիկներին, գիտնականների մեծամասնությունը այն կարծիքին էր, որ հավանաբար գերգրավիտացիան ֆիզիկայի միասնականացման ճիշտ պատասխանն է։ Մյուս ուժերի հետ գրավիտացիայի միավորման լավագույն ուղին պետք է լիներ դա։ Սակայն 1984֊ին տեղի ունեցավ կարծիքների նշանակալի փոփոխություն ի նպաստ, այսպես կոչված, լարային տեսությունների։ Այս տեսություններում հիմնական առարկաները ոչ թե մասնիկներն են, որոնք տարածության եզակի կետեր են գրավում, այլ բաներ, որոնք երկարություն ունեն, բայց այլ չափումներ չունեն, ինչպես լարի անսահման բարակ շերտ։ Այս լարերը կարող են ծայրեր ունենալ (այսպես ասած, բաց լարեր) կամ ծայրերը իրար միացած լինել փակ օղակի ձևով (փակ լարեր) (նկ․ 10.1 և 10.2)։ Մասնիկը ժամանակի յուրաքանչյուր պահի տարածության մեջ մի կետ է գրավում։ Այսպիսով նրա պատմությունը կարելի է ներկայացնել տարածության֊ժամանակի մեջ որպես գիծ («աշխարհագիծ»)։ Իսկ լարը յուրաքանչյուր պահի տարածության մեջ գիծ է։ Հետևաբար, տարածություն֊ժամանակի մեջ նրա պատմությունը առաջացնում է երկչափանի մակերես, որը կոչվում է աշխարհաթերթ։ (Աշխարհաթերթի վրա որևէ կետ նկարագրվում է երկու թվով․ մեկը բնորոշում է ժամանակը, մյուսը՝ կետի դիրքը լարի վրա)։ Բայց լարի աշխարհաթերթը մի ժապավեն է, որի եզրերը լարի երկու ծայրերի առաջացրած ուղիներն են (նկ․ 10.1)։ Փակ լարի աշխարհաթերթը մի գլան է կամ մի խողովակ (նկ․ 10.2)։
Խողովակի լայնական կտրվածքը մի շրջան է, որը ցույց է տալիս փակ լարի դիրքը տվյալ որոշակի ժամանակում։
[[Պատկեր:H10 1 2.svg|thumb]]
Երկու լար կարող են միանալ և առաջացնել մի լար, բաց լարերի դեպքում նրանք միանում են ծայրերով (նկ․10.3), այնինչ փակ լարերի միացումը նման է շալվարի երկու փողքերի միավորմանը (նկ․10.4): Նույն ձևով մի լարը կարող է բաժանվել երկու լարի։ Լարերի տեսության մեջ այն, ինչ նախապես ընդունվում էին որպես մասնիկներ, պատկերացվում են իբրև ալիքներ, որոնք տեղաշարժվում են լարն ի վար, ինչպես տատանվող օդապարիկի լարի ալիքները։ Մի մասնիկի առաքումը կամ կլանումը մեկ այլ մասնիկի կողմից համապատասխանում է լարերի բաժանմանը կամ միավորմանը։ Օրինակ, մասնիկային տեսություններում արևի գրավիտացիոն ուժը երկրի վրա պատկերվում է որպես արևի մեջ գտնվող մի մասնիկի կողմից գրավիտոնի արձակում և նրա կլանումը երկրի մեջ գտնվող մասնիկի կողմից (նկ․ 10.5): Լարային տեսությունում այս գործընթացը համապատասխանում է H֊ի ձև ունեցող մի խողովակի (նկ․ 10.6): Լարային տեսությունն ինչ֊որ չափով նման է խողովակաշինության։ H֊ի երկու ուղղահայաց կողմերը համապատասխանում են արևի և երկրի մեջ գտնվող մասնիկներին, իսկ հորիզոնական կապը համապատասխանում է նրանց միջև տեղափոխվող գրավիտոնին։
[[Պատկեր:H10 3.svg|thumb]]
Լարային տեսության պատմությունը հետաքրքրական է։ Սկզբում այն ստեղծվեց 1960֊ին՝ ուժեղ ուժերը նկարագրող մի տեսություն գտնելու նպատակով։ Հիմնական գաղափարն այն էր, որ պրոտոնի ու նեյտրոնի նման մասնիկները կարելի է համարել լարի վրայի ալիքներ։ Մասնիկների միջև գործող ուժեղ ուժերը համապատասխանում են լարերի հատվածներին, որոնք իրար են կապում այլ լարի հատվածներ, ինչպես սարդոստյանն է։ Համաձայն այս տեսության, մասնիկների միջև դիտարկված մեծ ուժերը ստանալու համար անհրաժեշտ էր, որպեսզի այդ լարերը լինեն ռետինե կապերի նման՝ օժտված մոտավորապես տասը տոննա ձգման ամրությամբ։
[[Պատկեր:H10 4.svg|thumb]]
1974֊ին Ջոյլ Շերկը՝ Փարիզից և Ջոն Շվարցը՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտից, մի հոդված հրատարակեցին այն մասին, որ լարային տեսությունը կարող է նկարագրել գրավիտացիոն ուժը, եթե միայն լարերում լարվածությունը շատ ավելի մեծ լինի, մոտավորապես հազար միլիոն միլիոն միլիոն միլիոն միլիոն միլիոն տոննա (39 զերո մեկից հետո)։ Լարային տեսության կանխագուշակումները չեն տարբերվում ընդհանուր հարաբերականության տեսության կանխագուշակումներից սովորական հեռավորությունների համար, սակայն կտարբերվեն չափազանց փոքր տարածությունների՝ սանտիմետրի մեկ հազար միլիոն միլիոն միլիոն միլիոն միլիոներորդի համար (սանտիմետրը բաժանած 1֊ից հետո 30 զերոներով թվի)։ Նրանց աշխատությունը մեծ ուշադրության չարժանացավ, որովհետև հենց այդ ժամանակ շատերը հրաժարվեցին սկզբնական ուժեղ ուժի լարային տեսությունից՝ հօգուտ քվարկների ու գլյուոնների վրա հիմնված տեսության, որը թվում էր ավելի լավ է համընկնում փորձնական տվյալների հետ։ Շերկը մահացավ ողբերգական մահով (նա տառապում էր շաքարախտով, և կոմայի պահին նրա մոտ ոչ ոք չէր եղել, որպեսզի ինսուլին սրսկեր)։ Այսպիսով, Շվարցը մնաց միակ պաշտպանը լարային տեսության, որը, սակայն, լարի լարվածության համար շատ բարձր արժեք էր առաջարկում։
[[Պատկեր:H10 6.svg|thumb]]
1984֊ին լարերի նկատմամբ հետաքրքրությունը միանգամից աճեց հավանաբար երկու պատճառով։ Մեկն այն էր, որ գերգրավիտացիայի վերջավոր լինելու մասին տեսակետի առաջխաղացումը իրականում զգալի չէր և չէր բացատրում մեր դիտարկած մասնիկների որպիսությունը։ Մյուս պատճառն այն էր, որ Ջոն Շվարցը և Լոնդոնի Քուին Մերի քոլեջից Մայք Գրինը մի հոդվածում ցույց տվին, որ լարային տեսությունն ի վիճակի կլինի բացատրել ձախամետ ներքին կառուցվածք ունեցող մասնիկների գոյությունը՝ նման մեր դիտարկած մի քանի մասնիկների գոյությանը։ Ինչևէ, մեծ թվով գիտնականներ շուտով սկսեցին զբաղվել լարային տեսությամբ, և մի նոր տարբերակ առաջացավ, այսպես կոչված, տարատեսակ լար (heterotic), որը, թվում էր, ի վիճակի կլինի բացատրել մեր դիտարկած մասնիկների տեսակները։
[[Պատկեր:H10 7.svg|thumb]]
Լարային տեսությունները նույնպես առաջացնում են անսահմանություններ, բայց այն կարծիքը կա, որ անսահմանությունները իրար կչեզոքացնեն տարատեսակ լարերի դեպքում (թեև այս բանը վերջնականապես ստույգ չէ)։ Սակայն լարային տեսություններն ավելի մեծ պրոբլեմ ունեն․ դրանք, թվում է, ամուր դիրքեր կունենան միայն այն դեպքում, եթե տարածություն֊ժամանակը լինի տասը կամ քսանվեց չափանի՝ սովորական չորսի փոխարեն։ Տարածություն֊ժամանակի բազմաչափություններն, իհարկե, գիտական վիպագրության մեջ սովորական բան են։ Արդարև, դրանք համարյա պարտադիր են, որովհետև, այլապես այն փաստը, թե հարաբերականությունը նշանակում է, որ մարդը լույսից արագ չի կարող շարժվել, նշանակում է, որ շատ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի նա ճամփորդի աստղերի ու գալակտիկաների միջև։ Գիտական֊գեղարվեստական գաղափարն այն է, որ թերևս բարձր չափականության միջով մարդուն հաջողվի մի կարճ ճանապարհ գտնել։ Այս բանը կարելի է պատկերել հետևյալ կերպ։ Պատկերացնենք, թե մեր ապրած տարածությունը երկչափանի է և կորացած է ինչպես փրկողակը կամ տորը (նկ․ 10.7): Եթե դուք գտնվում եք օղակի ներսակողմի մի տեղում և ցանկանում եք գնալ մեկ այլ տեղ, ապա պետք է օղակի ներսակողմը շրջանցեք։ Սակայն եթե ձեզ տրվի եռաչափ ճամփորդության հնարավորություն, ապա դուք ուղիղ գծով կանցնեք այդ ճանապարհը։
Այդ ինչպե՞ս է պատահում, որ մենք հավելյալ չափականությունները չենք տեսնում, եթե դրանք իրոք կան։ Մենք ինչո՞ւ ենք տարածության՝ երեք և ժամանակի մեկ չափականություն տեսնում։ Ենթադրվում է, որ մյուս չափականությունները կորացած են փոքր չափսերով մի տարածության մեջ՝ մոտավորապես մեկ սանտիմետրի չորս հարյուր հազար միլիոն միլիոն միլիոն միլիոներորդի մեծությամբ։ Դա այնքան փոքր է, որ մենք այն չենք նշմարում և տեսնում ենք ժամանակի լոկ մեկ և տարածության երեք չափականություններ, որում տարածություն֊ժամանակը բավականին հարթ է։ Այն նման է նարնջի մակերևույթի, որը եթե մոտիկից դիտեք՝ կորագծերով և խորշոմներով լեցուն է, բայց եթե հեռվից նայեք, ապա խորդուբորդությունները չեն երևա, ամեն ինչ թվում է հարթ։ Այսպիսին է նաև տարածություն֊ժամանակը․ փոքր մասշտաբով այն տասը չափանի է և շատ կորացած, բայց ավելի մեծ մասշտաբներով կորացումն ու լրացուցիչ չափումները չեն երևում։ Եթե այս պատկերացումը ճիշտ է, ապագա տիեզերական ճամփորդների համար դա վատ է․ հավելյալ չափականություններն այնքան փոքր կլինեն, որ թույլ չեն տա, որպեսզի տիեզերանավերը դրանցով անցնեն։ Սակայն մեկ այլ գլխավոր հիմնախնդիր է ծագում․ ինչո՞ւ պիտի չափումների որոշ մասը, այլ ոչ բոլորը ոլորված լինեն մի փոքրիկ գնդի մեջ։ Վաղ տիեզերքում հավանաբար բոլոր այդ չափումները պետք է որ ոլորված լինեն։ Ինչո՞ւ են ընդամենը ժամանակի մեկ չափում և տարածության երեք չափում հարթվել, երբ մյուս բոլոր չափումները մնացել են սեղմորեն ոլորված։
[[Պատկեր:H10 8.svg|thumb]]
Դրա հնարավոր պատասխաններից մեկը մարդաբանական սկզբունքն է։ Ըստ դրա, երկու տարածական չափումները բավարար չեն, որպեսզի մեզ նման բարդ էակներ զարգանան։ Օրինակի համար, միաչափ երկրում ապրող երկչափ կենդանիները միմյանցից առաջ անցնելու համար պետք է իրար վրա մագլցեն։ Եթե երկչափանի արարածն ինչ֊որ բան ուտի, ապա լրիվ մարսել չի կարողանա, այն կուլ տվածի նման հետ կտա, որովհետև եթե նրա մարմնի միջով մի անընդմեջ ուղի անցնի, ապա դա կենդանուն կբաժանի երկու մասի, և երկչափանի կենդանին կտրոհվի (նկ․ 10.8): Նույն ձևով դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է կատարվել երկչափանի արարածի արյան շրջանառությունը։
Խնդիրներ են ծագում նաև երեքից ավելի չափումների դեպքում։ Երկու մարմինների միջև գործող գրավիտացիոն ուժը հեռավորության աճին զուգընթաց ավելի արագ կնվազի, քան դա տեղի կունենա եռաչափ պայմաններում (Եռաչափ տարածությունում գրավիտացիոն ուժը նվազում է 1/4֊ով, երբ հեռավորությունը կրկնապատկվում է։ Քառաչափում այն կնվազի 1/6֊ով, հնգաչափում՝ 1/16֊ով և այլն)։ Սա նշանակում է, որ երկրի նման մոլորակների ուղեծիրներն արևի շուրջ անկայուն կլինեն․ շրջանաձև ուղեծրից նվազագույն շեղումը (որը կառաջացնի այլ մոլորակների գրավիտացիոն ձգողությունը) կարող է բերել այն բանին, որ երկիրն ընկնի արևի վրա կամ արևից հեռանա պարուրաձև հետագծով։ Մենք կամ կսառչենք և կամ կվառվենք։ Փաստորեն, երեքից ավելի տարածական չափումների պայմաններում գրավիտացիայի այդպիսի փոփոխությունն ըստ հեռավորության նշանակում է, որ արևը ճնշման ու գրավիտացիայի հավասարակշռության պայմաններում կայուն վիճակում գոյություն ունենալ չի կարող։ Այն կամ պիտի կտոր֊կտոր լինի կամ կոլապսվի և վերածվի սև խոռոչի։ Երկու դեպքում էլ երկրի վրա կյանքի գոյության համար ջերմության և լույսի աղբյուր լինել չի կարող։ Նույնը տեղի կունենա նաև փոքր մասշտաբների վրա։ Էլեկտրական ուժերը, որոնք պայմանավորում են էլեկտրոնների պտույտը ատոմի միջուկի շուրջ, իրենց պահում են ինչպես գրավիտացիոն ուժերը։ Ուստի այդ պայմաններում էլեկտրոնները կամ ատոմից ընդհանրապես կհեռանան և կամ պարուրաձև կպտտվեն և կընկնեն միջուկի վրա։ Երկու դեպքում էլ ատոմները գոյություն չեն ունենա այն ձևով, ինչպես մենք գիտենք։
Ուրեմն պարզ է, որ կյանքն առնվազն այնպես, ինչպես մենք այն ճանաչում ենք, կարող է գոյություն ունենալ տարածություն֊ժամանակի այնպիսի տիրույթներում, որտեղ ժամանակի մեկ չափումն ու տարածության երեք չափումը կծկված չեն լինի փոքրիկ կետում։ Սա նշանակում է, որ մարդ կարող է դիմել թույլ մարդաբանական սկզբունքին․ բավական է, որպեսզի ցույց տրվի, որ լարային տեսությունն առնվազն հնարավոր է համարում տիեզերքում այդպիսի տիրույթների գոյությունը։ Եվ իրոք, թվում է, թե լարային տեսությունը այդպիսի հնարավորություն ընձեռում է։ Բացառված չէ, որ տիեզերքում այլ տիրույթներ լինեն, կամ այլ տիեզերքներ գոյություն ունենան (ինչ էլ որ դրանք լինեն), որտեղ բոլոր չափումները կծկված լինեն փոքրիկ կետում, և կամ չորս չափումները համարյա հարթ լինեն, սակայն այդպիսի տիրույթներում բանական էակներ չեն կարող լինել, որպեսզի փաստացի չափումների տարբեր թվերը դիտարկեն։
Բացի տարածություն ժամանակի չափականությունների թվի հարցից, պետք է լուծվեն դեռ բազմաթիվ այլ խնդիրներ, որպեսզի լարային տեսությունը հավանության արժանանա որպես ֆիզիկայի միասնական վերջնական տեսություն։ Մենք դեռևս չգիտենք, թե իրոք բոլոր անսահմանություններն են չեզոքացնում կեմը մյուսին, կամ թե լարի ալիքներն ինչպես են կապվում այն առանձին մասնիկների հետ, որոնք մենք դիտարկում ենք։ Այնուամենայնիվ, հնարավոր է, որ առաջիկա մի քանի տարվա ընթացքում այս հարցերի պատասխանները գտնվեն, և դարավերջին մենք իմանանք, որ իրոք լարային տեսությունը երկար որոնումների ակնկալած ֆիզիկայի միասնական տեսությունն է։
Բայց մի՞թե այդպիսի միասնական տեսություն կարող է լինել։ Կամ, թերևս, դա մի պատրանք է։ Երեք հնարավոր տարբերակ կա․
1. Իսկապես կա կատարյալ մի միասնական տեսություն, որը մենք մի օր կհայտնաբերենք, եթե բավականաչափ խելացի ենք։
2. Տիեզերքի վերջնական տեսություն չկա, այլ կա տեսությունների մի անսահման շարք, և դրանք աստիճանաբար ավելի ճշգրիտ կնկարագրեն տիեզերքը։
3. Տիեզերքի տեսություն չկա․ դեպքերը չի կարելի կանխագուշակել, դրանք տեղի են ունենում որոշակի սահմանում պատահականորեն և ինքնակամորեն։
Կարելի է փաստարկներ բերել հօգուտ երրորդ հնարավորության, պնդելով, որ եթե օրենքների համապարփակ մի շարք լիներ, ապա դա կսահմանափակեր Աստծո միտքը փոխելու և աշխարհի գործերին խառնվելու ազատությունը։ Դա նման է հինավուրց մի պարադոքսի․ Աստված ի վիճակի՞ է արդյոք, այնքան ծանր քար ստեղծել, որ ինքը չկարողանա բարձրացնել։ Բայց, ինչպես նշել է սբ․ Օգոստինոսը, այն գաղափարը, թե Աստված կուզենա իր միտքը փոխել, մոլորության (սոփեստության) մի օրինակ է և արդյունք է այն պատկերացման, թե Աստված ժամանակի ընթացքում գոյություն ունեցող մի էակ է։ Այնինչ ժամանակը Աստծու ստեղծած տիեզերքի մի հատկություն է։ Պետք է կարծել, որ Աստված գիտեր՝ ինչ է ուզում, երբ ստեղծեց տիեզերքը։
Քվանտային մեխանիկայի ի հայտ գալուց հետո պարզվեց, որ դեպքերը կատարյալ ճշգրտությամբ կանխագուշակել չի կարելի, և միշտ ինչ֊որ չափով անորոշություն կա։ Եթե մարդ ցանկանա, ապա պատահականությունը կարող է համարել Աստծո միջամտություն, բայց դա կլինի միջամտության շատ տարօրինակ մի տեսակ․ ոչ մի փաստ չկա, որ դա որոշակի նպատակ է հետապնդում։ Արդարև, եթե այդպես լիներ, ապա դա պատահական չէր լինի։ Ներկայումս երրորդ հնարավորությունը ընդունել չի կարելի, որովհետև գիտության նպատակը այլ է․ ձևակերպել օրենքների մի այնպիսի շարք, որը թույլ տար կանխագուշակել դեպքերը գոնե անորոշության սկզբունքի սահմաններում։
Երկրորդ հնարավորությունը, թե գոյություն ունի անսահման թվով առավել մշակված տեսությունների մի հաջորդականություն, շատ լավ համընկնում է մինչև այժմ կատարած մեր դիտարկումների հետ։ Շատ պարագաներում մեր չափումների ճշտության աստիճանը բարձրացրել ենք կամ նորանոր դիտարկումներ ենք կատարել՝ ընդամենը հայտնաբերելու նոր երևույթներ, որոնք գոյություն ունեցող տեսությունների կողմից չեն կանխագուշակվել, և որպեսզի հաշվի առնենք դրանք, ստիպված նոր, ավելի առաջավոր տեսություն ենք մշակել։ Հետևաբար, շատ զարմանալի չէր լինի, եթե ժամանակակից մեծ միասնական տեսությունների սերունդը սխալվեր և պնդեր, թե ըստ էության ոչինչ նոր չի կարող պատահել 100 ԳԵՎ թույլ էլեկտրական միասնական էներգիայի և մոտավորապես հազար միլիոն միլիոն ԳԵՎ միասնական էներգիայի միջակայքում։ Իրոք սպասելի է, որ հայտնաբերվեն բազմաթիվ նոր կառուցվածքային շերտեր, որոնք ավելի հիմնական լինեն, քան քվարկներն ու էլեկտրոնները, որոնց մենք ճանաչում ենք որպես «տարրական մասնիկներ»։
Այնուամենայնիվ թվում է, թե գրավիտացիան կարող է վերջ դնել «տուփերի մեջ տուփերի» այս հաջորդականությունը։ Վերցնենք մի մասնիկ, որի էներգիան բարձր էր, այսպես կոչված, Պլանկի էներգիայից, այսինքն՝ տասը միլիոն միլիոն միլիոն (1֊ից հետո տասնինը զերո) ԳԵՎ է։ Նրա զանգվածն այն աստիճան խտացած կլինի, որ այդ մասնիկը կանջատվի ողջ տիեզերքից և փոքրիկ մի սև խոռոչ կառաջացնի։ Այստեղից հետևում է, որ մեկը մյուսից առավել կատարելագործված տեսությունների շարքը պետք է վերջ ունենա, երբ գնում ենք առավել բարձր էներգիաների։ Հետևաբար պետք է, որ տիեզերքի համար մի վերջնական տեսություն գոյություն ունենա։ Իհարկե, Պլանկի էներգիան չափազանց հեռու է հարյուրավոր ԳԷՎ֊ից, որն այն առավելագույնն է, ինչ այսօր մենք կարող ենք ստանալ լաբորատորիայում։ Մոտավոր ապագայում մասնիկային արագացուցիչների օգնությամբ այս անջրպետը չենք կարող հաղթահարել։ Սակայն տիեզերքի վաղ փուլերում կար մի վիճակ, երբ այդպիսի էներգիաներ եղել են։ Ես մտածում եմ, որ վաղ տիեզերքի ուսումնասիրությունը և մաթեմատիկական հետևողականությունը հնարավորություն կստեղծեն, որպեսզի մեզանից ոմանք կարողանան լրիվ միասնական մի տեսություն ստեղծել, պայմանով, որ մինչ այդ մենք մեզ չենք կործանի։
Եթե մենք իրոք հայտնաբերենք տիեզերքի վերջնական տեսությունը, ապա ի՞նչ նշանակություն կունենա դա։ Ինչպես առաջին գլխում ենք բացատրել, մենք երբեք լիովին վստահ չենք կարող լինել, թե իսկապես գտել ենք ճիշտ տեսությունը, որովհետև դա հնարավոր չէ ապացուցել։ Սակայն եթե տեսությունը մաթեմատիկորեն հետևողական է և միշտ այնպիսի կանխագուշակումներ է անում, որոնք համապատասխանում են դիտարկումներին, ապա կարելի է վստահ լինել, որ դա ճիշտ է։ Այսպիսով, տիեզերքն ընբռնելու համար մարդկության մտավոր պայքարի պատմության երկար ու փառավոր գլուխը կավարտվի։ Միևնույն ժամանակ կհեղաշրջվի մեր իմացությունը տիեզերքը կառավարող օրենքների մասին։ Նյուտոնի ժամանակներում զարգացած մի մարդու համար բավարար էր, որ նա առնվազն ընդհանուր գծերով պատկերացում ունենար մարդկային ամբողջ մտավոր զարգացման մասին։ Բայց դրանից հետո գիտության զարգացումն այն դարձրեց անհնարին։ Սրա պատճառն այն է, որ տեսությունները միշտ փոխվում են, որպեսզի համապատասխանեն նոր դիտարկումներին, երբեք անհրաժեշտ չափով յուրացված կամ պարզեցված չեն լինում և անհասկանալի են մնում շատերի համար։ Պետք է, որ դուք մասնագիտանաք և միայն այդ ժամանակ կարող եք հուսալ ճշգրտորեն ըմբռնել գիտական տեսությունների փոքր մասը։ Դեռ ավելին, առաջընթացն այնպես արագ է տեղի ունենում, որ դպրոցում կամ համալսարանում մատուցվող գիտելիքները փոքր֊ինչ հնացած են։ Լոկ փոքր թվով մարդիկ կարող են արագորեն փոփոխվող գիտության առաջընթացին հետևել և հարկ կլինի իրենց ամբողջ ժամանակը նվիրել դրան ու մասնագիտանալ շատ նեղ բնագավառում։ Մարդկանց մյուս մասը քիչ բան գիտի գիտության առաջընթացի և դրա առաջացրած ոգևորության մասին։ Յոթանասուն տարի առաջ, եթե հավատանք Էդինգտոնի խոսքերին, լոկ երկու հոգի էին հասկանում հարաբերականության ընդհանուր տեսությունը։<ref>Դա, իհարկե ճիշտ չէ։ 1920֊ական թվականներին արդեն մեծ թվով գրքեր են հրատարակվել այդ և հարակից հարցերի մասին՝ դեռ չխոսելով առանձին աշխատանքների մասին։</ref>
Այսօր տասնյակ հազարավոր համալսարանականներ հասկանում են այն, և միլիոնավոր մարդիկ առնվազն ծանոթ են հիմնական գաղափարներին։ Եթե կատարյալ միասնական մի տեսություն հայտնագործվի, կպահանջվի որոշ ժամանակ, որպեսզի այն այնպես յուրացվի և պարզեցվի, որ գոնե ընդհանուր գծերով մտնի դպրոցական ծրագրի մեջ։ Այդ ժամանակ մենք բոլորս ի վիճակի կլինենք ինչ֊որ չափով ըմբռնել այն օրենքները, որոնք կառավարում են տիեզերքն ու պայմանավորում են մեր գոյությունը։
Բայց եթե մենք նույնիսկ հայտնագործենք կատարելապես միասնական մի տեսություն, ապա դա չի կարող նշանակել, թե մեզ կհաջողվի ընդհանրապես դեպքերը կանխագուշակել հետևյալ երկու պատճառով։ Առաջինն այն է, որ քվանտային մեխանիկայի անորոշության սկզբունքը սահմանափակում է մեր կանխագուշակումները։ Մենք ոչինչ չենք կարող անել այդ հարցը շրջանցելու համար։ Իրականում, սակայն, այս առաջին սահմանափակումը նվազ արգելակող է, քան երկրորդը։ Դրա պատճառն այն է, որ տեսության հավասարումները մենք ճշգրտորեն չենք կարող լուծել, բացառությամբ շատ պարզ վիճակների հավասարումներից։ Մենք նույնիսկ երեք մարմինների շարժումը չենք կարող լուծել ճշգրտորեն՝ օգտվելով Նյուտոնի ձգողականության տեսությունից։ Սակայն դժվարություններն աճում են, երբ մարմինների թիվը մեծանում է, իսկ տեսությունն ավելի է բարդանում։ Մենք արդեն գիտենք նյութի վարքը նկարագրող այն օրենքները, որոնք ծայրահեղ դեպքերից բացի գործում են բոլոր պայմաններում։ Մասնավորապես, մենք գիտենք քիմիայի և կենսաբանության հիմնական օրենքները։
Իհարկե, մենք չենք կարող այս բնագավառներին լուծված հարցի կարգավիճակ տալ․ մաթեմատիկական հավասարումների օգնությամբ մարդու կյանքը կանխագուշակելու փորձերը հաջողությամբ դեռ չեն պսակվել։
Այսպիսով, նույնիսկ եթե մենք հիմնական օրենքների ամբողջական մի շարք գտնենք, ապա առաջիկա տարիների ընթացքում մարդկությունը կանգնած կլինի մտավոր կարևոր մի խնդրի առջև, այն է՝ լավագույն մոտավոր մեթոդներ մշակել, որպեսզի հնարավոր լինի բարդ ու իրական վիճակների հավանական ելքերի օգտակար կանխագուշակումներ կատարել։ Լրիվ հետևողական միասնական տեսությունը լոկ առաջին քայլն է․ մեր նպատակն է կատարելապես հասկանալ մեր շուրջ տեղի ունեցող դեպքերն ու հենց մեր սեփական գոյությունը։
==11==
Եզրակացություն
Մենք գտնվում ենք ապշեցնող աշխարհում։ Ցանկանում ենք շրջապատում տեսածն իմաստավորել և հարցնել․ ի՞նչն է տիեզերքի էությունը։ Ո՞րն է մեր տեղը նրանում, և որտեղի՞ց ենք նաև մենք գալիս։ Եվ ինչո՞ւ է այն այնպես, ինչպես որ է։
Որպեսզի փորձենք պատասխանել այս հարցերին, ընդունում ենք «աշխարհի ինչ֊որ պատկեր»։ Հենց այդպիսի պատկեր է կրիաների անսահման աշտարակը, որն իր վրա է կրում հարթ երկիրը, այդպիսին է գերկապերի տեսությունը։ Երկուսն էլ տիեզերքի տեսություններ են, թեև վերջինը մաթեմատիկորեն ավելի ճշգրիտ է, քան առաջինը։ Երկու տեսություններն էլ չունեն բավականաչափ ապացույց, ոչ ոք երբեք չի տեսել հսկա կրիային՝ երկիրը մեջքին, ինչպես նաև ոչ ոք չի տեսել գերկապային երկիրը։ Այնուամենայնիվ, կրիաների տեսությունը չի բավարարում հիմնավորված գիտական տեսության պահանջներին, քանի որ այն կանխագուշակում էր, որ մարդիկ կարող էին դուրս ընկնել՝ աշխարհի եզրին հասնելով։ Սա չի համապատասխանում մարդկային փորձին, բացառությամբ, եթե միայն սրանով բացատրենք մարդկանց թվացյալ անհետացումը Բերմուդյան եռանկյունում։
Տիեզերքը տեսականորեն նկարագրելու և բացատրելու ամենավաղ փորձերը հիմնված էին այն պատկերացման վրա, որ բնական երևույթներն ու դեպքերը ղեկավարվում էին ոգիներով, որոնք օժտված են մարդկային զգացումներով և որոնք գործում են շատ մարդանման ու անկանխատեսելի ձևով։ Այս ոգիներն ապրում էին բնության այնպիսի վայրերում, ինչպիսիք են գետերը, սարերը, ինչպես նաև երկնային մարմիններ արևն ու լուսինը։ Նրանց պետք էր սիրաշահել, որպեսզի ապահովվեր հողի բերիությունը և տարվա եղանակների հաջորդականությունը։ Այնուամենայնիվ, աստիճանաբար նկատվել էր որոշ երևույթների կանոնավոր կրկնությունը․ արևը միշտ ծագում է արևելքում և մայր մտնում արևմուտքում, անկախ այն բանից, թե արևի աստծուն զոհաբերություն եղել է, թե ոչ։ Դեռ ավելին, արևը, լուսինը և մոլորակները երկնքում շարժվում են որոշակի ուղեծրերով, որոնք հնարավոր էր բավականաչափ ճշգրտությամբ կանխագուշակել։ Արևն ու լուսինը դեռևս կարող էին համարվել աստվածներ, բայց դրանք խիստ օրենքների ենթարկվող աստվածներ էին, ըստ երևույթին, առանց որևէ բացառության, եթե հաշվի չառնենք Հեսուի կողմից արևի կանգնեցման պատմությունները։
Սկզբում այս կանոններն ու օրենքները բացահայտ էին միայն աստղագիտության մեջ և մի քանի այլ դեպքերում։ Սակայն քաղաքակրթության զարգացման հետևանքով, հատկապես վերջին 300 տարվա ընթացքում, ավելի ու ավելի կանոններ և օրենքներ հայտնաբերվեցին։ Այս օրենքների հաջողությունը XIX դարի սկզբին Լապլասին ներշնչեց սահմանելու գիտական որոշադրության (դետերմինիզմի) հիմնադրույթը, այսինքն, նա առաջարկեց, որ պետք է լինի օրենքների մի խումբ, որով ճշգրտորեն որոշվի տիեզերքի էվոլյուցիան, երբ տրված է նրա կոնֆիգուրացիան որևէ ժամանակաշրջանի համար։ Լապլասի որոշադրությունը թերի էր երկու տեսակետից։ Այն չէր ասում, թե ինչպես պետք է ընտրվեն օրենքներ և չէր հատկորոշում տիեզերքի սկզբնական կոնֆիգուրացիան։ Սրանք թողնված էին Աստծուն։ Աստված պետք է ընտրեր, թե ինչպես է սկիզբ առել տիեզերքը և ինչ օրենքների պետք է այն ենթարկվեր, բայց նա չպետք է միջամտեր տիեզերքի գործերին, երբ այն արդեն սկիզբ էր առել։ Փաստորեն, Աստծո միջամտությունը վերապահվում էր միայն այն ոլորտների համար, որոնք XIX դարի գիտությունը չէր հասկանում։
Մենք այժմ գիտենք, որ Լապլասի որոշադրության մասին հույսերն անիրականանալի էին, առնվազն այն ձևով, ինչպես ինքն էր մտածում։ Ըստ քվանտային մեխանիկայի անորոշության սկզբունքի, մեծությունների որոշ զույգերից, երկուսն էլ, ինչպես, օրինակ, մասնիկի դիրքն ու արագությունը, հնարավոր չէ լրիվ ճշգրտությամբ կանխագուշակել։
Քվանտային մեխանիկան այս սահմանափակումից ձերբազատվում է իր մի խումբ քվանտային տեսություններով, որոնցում մասնիկները լավ սահմանված դիրք և արագություն չունեն, այլ ներկայացված են որպես ալիք։ Այդ քվանտային տեսությունները որոշադրական են այն իմաստով, որ նրանք սահմանում են ալիքի էվոլյուցիայի օրենքներ՝ ժամանակից կախված։ Այսպիսով, եթե մարդ գիտի ալիքը ժամանակի մի պահի, նա կարող է հաշվել այն ժամանակի ցանկացած այլ պահի համար։ Չկանխատեսված, պատահական տարր հայտնվում է միայն այն ժամանակ, երբ մենք փորձում ենք ալիքը մեկնաբանել մասնիկի դիրքով ու արագությամբ։ Բայց գուցե սա մեր սխալն է, գուցե գոյություն չունեն մասնիկի դիրքեր ու արագություններ, այլ կան միայն ալիքներ։ Գուցե մենք փորձում ենք ալիքները հարմարեցնել դիրքի և արագության մեջ կանխակալ պատկերացումների հետ։ Իսկ ստացված սխալ համադրությունն անկանխատեսելիության հավանական պատճառն է։
Գործնականում մենք գիտության նպատակը վերասահմանել ենք որպես այնպիսի օրենքների հայտնաբերում, որոնք անորոշության սկզբունքի սահմաններում հնարավորություն կտան մեզ գուշակել իրադարձությունները։ Այնուամենայնիվ, հարցը մնում է այն, թե ինչպե՞ս կամ ինչո՞ւ էին ընտրվել տիեզերքի օրենքներն ու սկզբնական վիճակը։
Այս գրքում ես հատուկ ուշադրություն եմ դարձրել այն օրենքներին, որոնք կառավարում են ձգողականությունը, որովհետև հենց ձգողականությամբ է պայմանավորված տիեզերքի մեծածավալ կառուցվածքի ձևավորումը, չնայած այն ամենաթույլն է ուժերի չորս տարատեսակների մեջ։ Ձգողականության օրենքներն անհամատեղելի են մինչև վերջերս գոյություն ունեցող այն տեսակների հետ, որը պնդում էր, որ տիեզերքը ժամանակի մեջ անփոփոխ է։ Այն փաստը, որ գրավիտացիան միշտ ձգողական է, նշանակում է, որ տիեզերքը կամ ընդարձակվում է, կամ կծկվում։ Համաձայն հարաբերականության ընդհանուր տեսության, անցյալում պետք է եղած լինի մի անսահման խիտ վիճակ՝ մեծ պայթյուն, որը պետք է ժամանակի իրական սկիզբը լիներ։ Նմանապես, եթե ամբողջ տիեզերքը կրկին կոլապսի ենթարկվի, ապա պետք է լինի մեկ այլ անսահման խիտ վիճակ ապագայում՝ մեծ ճայթում, որը ժամանակի վերջը կլինի։ Նույնիսկ եթե ամբողջ տիեզերքը վերստին կոլապսի չենթարկվի, որոշ տեղայնացված տիրույթներում կլինեն եզակիություններ, որոնց կոլապսով սև խոռոչներ կառաջանան։ Այս եզրակացությունները ժամանակի վերջը կլինեն սև խոռոչ ընկածների համար։ Մեծ պայթյունի ժամանակ և մյուս եզակիություններում բոլոր օրենքները կկորցնեն իրենց ուժը, այսպիսով Աստված դեռ լիակատար ազատություն ունեցած կլիներ ընտրելու, թե ի՞նչ պետք է կատարվեր, և ինչպե՞ս է տիեզերքը սկիզբ առել։
Երբ մենք միավորում ենք քվանտային մեխանիկան ընդհանուր հարաբերականության տեսության հետ, թվում է, թե մի նոր հնարավորություն կա, որն առաջ ի հայտ գալ չէր կարող, այն է՝ տարածությունը և ժամանակը միասին կարող են առաջացնել վերջավոր, քառաչափ տիեզերք՝ առանց եզակիությունների և սահմանափակումների, օրինակ, երկրի մակերեսի նման, բայց ավելի մեծ թվով չափականություններով։ Թվում է, թե այս գաղափարը կարող էր բացատրել տիեզերքում դիտված շատ երևույթներ, ինչպես, օրինակ, նրա լայնամասշտաբ միակերպությունն ու փոքրամասշտաբ շեղումները համասեռությունից, ինչպիսիք են գալակտիկաները, աստղերը և նույնիսկ մարդկային էակները։ Սրանով կարելի է բացատրել նաև ժամանակի նետի գոյությունը, որը մենք արդեն ուսումնասիրել ենք։ Բայց եթե տիեզերքն ամբողջապես ինքնապարփակ է, առանց եզակիությունների կամ սահմանների և ամբողջապես նկարագրվում է միասնական տեսությամբ, ապա այս ամենը խոր նշանակություն ունի Աստծո՝ որպես արարչի դերի խնդրում։
Էյնշտեյնը մեկ անգամ հարցրել է․ «Աստված որքա՞ն ընտրություն ուներ տիեզերքը ստեղծելիս»։ Եթե ամսահմանության տեսակետը ճիշտ էր, ապա նա սկզբնական պայմանները ընտրելու որևէ ազատություն չուներ։ Նա, անկասկած, դեռ ազատ էր ընտրելու այն օրենքները, որոնց ենթարկվում է տիեզերքը։ Սա, այնուամենայնիվ, լիիրավ ընտրություն չի նշանակում, այնտեղ կարող է եղած լիներ միայն մեկ, կամ շատ փոքր թվով ամբողջական միասնական տեսություններ, ինչպես, օրինակ, տարատեսակ լարի տեսությունը, որոնք ինքնաբավ են և թույլ են տալիս այնպիսի բարդ էակների գոյությունը, ինչպիսիք են մարդիկ, որոնք կարող են ուսումնասիրել տիեզերքի օրենքներն ու հարցնել Աստծո էության մասին։
Նույնիսկ, եթե գոյություն ունի միայն մեկ միասնական տեսություն, ապա այն սոսկ կանոնների և հավասարումների մի խումբ է։ Ուստի հարց է առաջանում․ այն ի՞նչն է, որ իմաստ է տալիս հավասարումներին և տիեզերքը դարձնում է նկարագրելի։ Մաթեմատիկական մոդելներ ստեղծելու գիտության սովորական մոտեցումը չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ պետք է լինի տիեզերքի նկարագրելի մոդելը։ Ինչո՞ւ է տիեզերքն այդքան ջանքեր թափում իր գոյությունը պահպանելու համար։ Արդյո՞ք միասնական տեսությունն այդքան գրավիչ է, որ առաջարկում է իր իսկ գոյությունը։ Կամ արդյո՞ք այն Արարչի կարիք ունի, և եթե այդպես է, ապա արդյո՞ք նա ազդեցություն ունի տիեզերքի վրա։ Եվ ո՞վ է նրա Արարիչը։
Մինչև օրս գիտնականների մեծ մասը շատ տարված է նոր տեսություններ զարգացնելով, որոնք նկարագրում են տիեզերքի որպիսությունը, որպեսզի հետագայում պարզվի ինչո՞ւ հարցը։ Մյուս կողմից մարդիկ, որոնց գործն է հարցնել՝ ինչո՞ւ, այսինքն՝ փիլիսոփաները, ի վիճակի չեն եղել համաքայլ ընթանալ գիտական տեսության առաջընթացի հետ։ XVIII դարում փիլիսոփաները հաշվի էին առել մարդկային գիտելիքներն ամբողջությամբ, ներառյալ նաև գիտությունը՝ որպես իրենց ասպարեզը, և քննարկում էին հարցեր, ինչպիսիք են, օրինակ, տիեզերքն արդյո՞ք սկիզբ ունեցել է։ Սակայն XIX և XX դարերում գիտությունը դարձավ չափազանց տեխնիկական ու մաթեմատիկական և փիլիսոփաների և էլի շատերի համար՝ անհասկանալի, մի քանի մասնագետներից բացի։ Փիլիսոփաներն այնքան սահմանափակեցին քննարկվող հարցերի հորիզոնը, որ դարիս ամենանշանավոր փիլիսոփա Վիտգենշտեյնն ասաց․ «Փիլիսոփայությանը մնացած միակ խնդիրը լեզուների վերլուծությունն է»։ Արիստոտելից մինչև Կանտ ընկած ժամանակաշրջանի փիլիսոփայության ավանդույթների ինչպիսի՜ անկում։
Այնուամենայնիվ, եթե մենք իրոք հայտնագործենք մի ամբողջական տեսություն, այն ժամանակի ընթացքում պետք է ընդհանուր գծերով հասկանալի դառնա բոլորին և ո՛չ միայն փոքրաթիվ գիտնականների։ Այն ժամանակ մենք բոլորս՝ փիլիսոփաները, գիտնականները, նույնիսկ շարքային մարդիկ ի վիճակի կլինենք մասնակցելու այն հարցի քննարկմանը, թե ինչո՞ւ գոյություն ունենք մենք և տիեզերքը։ Եթե հաջողվի այս հարցի պատասխանը գտնել, ապա դա կլինի մարդկային մտածողության վերջնական հաղթանակը, քանի որ այդ ժամանակ մենք կհասկանանք Աստծո միտքը։
==Հավելված==
Ալբերտ Էյնշտեյն
Էյնշտեյնի առնչությունը միջուկային ռումբի ստեղծման քաղաքականության հետ լավ հայտնի է։ Նա ստորագրել է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին ուղղված հայտնի նամակը, որով համոզում էր Միացյալ Նահանգներին լրջորեն մոտենալ այդ հարցին, իսկ ինքն անում էր կարելին՝ հետպատերազմյան շրջանում միջուկային պատերազմը կանխելու համար։ Բայց սրանք ստիպված քաղաքականությամբ զբաղվող գիտնականի սոսկ առանձին գործողություններ չէին։ Իր իսկ բառերով ասած՝ Էյնշտեյնի կյանքը, փաստորեն, բաժանված էր «քաղաքականության և հավասարումների միջև»։
Էյնշտեյնի վաղ քաղաքական գործունեությունը սկսվել է դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ նա պրոֆեսոր էր Բեռլինում։ Չափազանց հոգնած լինելով մարդկային բազմաթիվ կյանքերի կորուստներից և այն ամենից, ինչ ինքն էր տեսել, նա ընդգրկվեց հակապատերազմական ցույցերում։ Քաղաքական անհնազանդությունը պաշտպանելու և ընդհանուր զինապարտությունը մերժելու նրա հասարակական քաջալերանքը հանգեցրին աշխատակիցների և նրա միջև հարաբերությունների սրման։ Այնուհետև պատերազմից հետո Էյնշտեյն իր ջանքերն ուղղեց հաշտեցման և միջազգային հարաբերությունների բարելավման գործին։ Սա նույնպես չբարձրացրեց նրա հեղինակությունը, և շուտով նրա քաղաքական հայացքների պատճառով դժվարացավ Միացյալ Նահանգներ այցելեը նույնիսկ դասախոսություններ կարդալու համար։
Էյնշտեյնի երկրորդ մեծ նպատակը սիոնիզմն էր։ Չնայած նա ծագումով հրեա էր, բայց մերժում էր Աստծո աստվածաշնչային գաղափարը։ Սակայն հակասեմիտիզմի աճող գիտակցությունը թե՛ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ, և թե՛ նրա ընթացքում նրան աստիճանաբար տարավ հրեական համայնքի հետ նույնացմանը և հետագայում սիոնիզմի բացահայտ պաշտպանությանը։ Ժողովդավարությունը կորցնելու վտանգն անգամ նրան հետ չպահեց իր մտքերն արտահայտելուց։ Նրա տեսությունները ենթարկվեցին հարձակման, և նույնիսկ հակաէյնշտեյնական կազմակերպություն հիմնվեց։ Մի մարդ, որը հրահրում էր ուրիշներին սպանել Էյնշտեյնին, դատապարտվեց և տուգանվեց ընդամենը վեց դոլարով։ Բայց Էյնշտեյն անդրդվելի էր։ Երբ մի գիրք հրատարակվեց, որը խորագրված էր «Հարյուր հեղինակներ ընդդեմ Էյնշտեյնի», նա պատասխանեց․ «Եթե ես իրոք սխալ էի, ապա մեկն էլ էր բավական»։
1933 թվականին Հիտլերը իշխանության գլուխ անցավ։ Էյնշտեյնը Ամերիկայում էր և հայտարարեց, որ ինքն այլևս չի վերադառնա Գերմանիա։ Այնուհետև, երբ նացիստական ոստիկանությունը ներխուժեց նրա բնակարանը և բռնագրավեց բանկային հաշիվը, Բեռլինի լրագրերից մեկում երևաց հետևյալ վերնագիրը՝ «Լավ լուրեր Էյնշտեյնից, նա հետ չի վերադառնալու»։ Նացիզմի սպառնալիքի տակ Էյնշտեյնը հրաժարվեց խաղաղասիրական գործունեությունից և վերջիվերջո վախենալով, որ գերմանացի գիտնականները կարող են միջուկային ռումբ ստեղծել, առաջարկեց, որպեսզի Միացյալ Նահանգներն ստեղծեն իրենց սեփականը։ Բայց առաջին ատոմական ռումբի պայթելուց դեռ շատ առաջ, Էյնշտեյնը հրապարակայնորեն զգուշացնում էր ատոմական պատերազմի սարսափների մասին և առաջարկում էր միջուկային զենքի վրա միջազգային հսկողություն սահմանել։
Ամբողջ կյանքի ընթացքում Էյնշտեյնի խաղասիրական ջանքերը գրեթե շոշափելի արդյունք չտվեցին և, իհարկե, նա քիչ համախոհներ վաստակեց։ Սիոնիզմի նրա բացահայտ պաշտպանությունը, սակայն,1952 թվականին արդեն պատշաճ ճանաչում գտավ, երբ նրան առաջարկվեց դառնալ Իսրայելի նախագահ։ Նա մերժեց՝ ասելով, թե իր կարծիքով ինքը շատ միամիտ է քաղաքական ասպարեզում։ Բայց երևի դրա իրական պատճառն այլ էր, նրա իսկ խոսքերով ասած․ «Հավասարումներն ինձ համար շատ ավելի կարևոր են, որովհետև քաղաքականությունը միայն ներկա ժամանակաշրջանի համար է, իսկ հավասարումները վերաբերում են ապագային»։
Գալիլեո Գալիլեյ
Գալիլեոյին թերևս ավելի, քան որևէ այլ անհատի ենք պարտական ժամանակակից գիտության ծննդի համար։ Նրա հայտնի ընդհարումը Կաթոլիկ եկեղեցու հետ նրա փիլիսոփայության առանցքն էր, քանի որ Գալիլեոն առաջինն էր, որ պնդում էր, թե մարդը կարող է հուսալ, որ մի օր կհասկանա, թե ինչպե՞ս է աշխարհը գործում և, դեռ ավելին, մենք այդ կարող ենք անել՝ ուսումնասիրելով իրական աշխարհը։
Գալիլեոն վաղուց հավատացել էր Կոպեռնիկոսի տեսությանը (թե մոլորակնները պտտվում են արևի շուրջը), բայց նա հրապարակայնորեն սկսեց պաշտպանել այդ տեսակետը միայն այն ժամանակ, երբ բավականաչափ փաստեր ուներ այն ապացուցելու։ Նա Կոպեռնիկոսի տեսության մասին գրեց իտալերեն (ոչ սովորական ակադեմիական լատիներենով), և շուտով նրա տեսակետները լայնորեն պաշտպանեցին համալսարանական շրջանակներից դուրս։ Դա մտահոգեց արիստոտելական պրոֆեսորներին, որոնք էլ միավորվեցին և համոզեցին Կաթոլիկ եկեղեցուն, որպեսզի վերջինս արգելի Կոպեռնիկոսի տեսությունը (կոպեռնիկոսականությունը)։
Դրանով մտահոգված Գալիլեոն մեկնեց Հռոմ, որպեսզի խոսի եկեղեցական հեղինակությունների հետ։ Նա պնդում էր, որ աստվածաշունչը նպատակ չունի մեզ որևէ տեղեկություն տալ գիտական տեսությունների մասին և եզրակացնում, որ երբ աստվածաշունչը հակասում է առողջ բանականությանը, պետք է ենթադրել, որ այն այլաբանական է։ Բայց եկեղեցին վախենում էր այն խայտառակությունից, որը կարող էր վատ ազդեցություն ունենալ բողոքականության դեմ իր պայքարում և այդ պատճառով դիմեց բռնի միջոցների։1616 թվականին այն Կոպեռնիկոսի տեսությունը հայտարարեց «կեղծ ու սխալ» և հրամայեց Գալիլեոին երբեք նորից «չպաշտպանել կամ չհետևել» այդ տեսությանը։ Գալիլեոն համաձայնեց։
1623֊ին Գալիլեոյի վաղեմի ընկերը դարձավ Հռոմի պապ։ Գալիլեոն անմիջապես փորձեց չեղյալ հայտարարել տալ 1616 թվականի հռչակագիրը։ Նրան այդ չհաջողվեց, բայց նա կարողացավ թույլտվություն ձեռք բերել գիրք գրելու և քննարկելու թե՛ Արիստոտելի և թե՛ Կոպեռնիկոսի տեսությունները։ Սակայն երկու պայմանով՝ նա որևէ մեկի կողմը չպետք է լիներ, և պետք է եզրակացներ, որ մարդ երբեք չի կարող որոշել, թե ինչպե՞ս է աշխարհը գործում, որովհետև Աստված կարող է մոտավորապես նույն ազդեցությունն առաջացնել մարդու համար աներևակայելի ձևերով, և մարդը չի կարող սահմանափակել Աստծու ամենազորությունը։
«Երկխոսություն աշխարհի երկու գլխավոր համակարգերի մասին» գիրքը ավարտվեց և տպագրվեց 1632 թվականին գրաքննիչների լիակատար պաշտպանությամբ, և այն անմիջապես ընդունվեց ամբողջ Եվրոպայում, որպես գրական և փիլիսոփայական գլուխգործոց։ Շուտով, հասկանալով, որ ժողովուրդը գիրքը դիտում է որպես համոզիչ փաստարկ և նպաստ Կոպեռնիկոսի տեսության՝ Հռոմի պապը զղջաց, որ թույլ էր տվել այդ գրքի հրատարակությունը։ Պապը պնդում էր, որ չնայած գիրքը վայելում է գրաքննիչների պաշտոնական հավանությունը, այնուամենայնիվ, Գալիլեոն խախտել էր 1616 թվականի հռչակագիրը։ Նա Գալիլեոյին ինկվիզիցիայի ենթարկեց, նրան դատապարտեց ցմահ տնային բանտարկության և հրամայեց հրապարակայնորեն հրաժարվել Կոպեռնիկոսի տեսությունից։ Այսպիսով, Գալիլեոն ստիպված երկրորդ անգամ լուռ համաձայնեց։
Գալիլեոն մնաց նվիրված կաթոլիկ, բայց նրա հավատը գիտության անկախության նկատմամբ չփշրվեց։ Մահից (1642 թվականին) չորս տարի առաջ, երբ նա դեռ գտնվում էր տնային բանտարկության մեջ, իր երկրորդ գլխավոր գրքի ձեռագիր օրինակը գաղտնի տարվեց Հոլանդիա՝ հրատարակչի մոտ։ Այն մեզ հասել է որպես «Երկու նոր գիտություն», որն ավելին էր, քան զուտ Կոպեռնիկոսի պաշտպանությունը և ժամանակակից ֆիզիկայի հիմքն էր։
Իսահակ Նյուտոն
Իսահակ Նյուտոնը հաճելի անձնավորություն չէր։ Նրա հարաբերությունները մյուս ակադեմիկոսների հետ հայտնի էին իրենց անբարեհաճությամբ, և նա կյանքի մեծ մասն անցկացրել է բուռն վեճերի մեջ։ «Մաթեմատիկայի սկզբունքները» գրքի հրատարակությունից հետո, որն, անկասկած, ֆիզիկայի ոլորտում երբևէ գրված ամենալավ գիրքն է, Նյուտոնի համբավն արագ աճեց։ Նա առաջադրվեց Թագավորական ընկերության պրեզիդենտ և դարձավ առաջին գիտնականը, որն ստացավ ասպետի կոչում։
Նյուտոնը շուտով բախվեց թագավորական աստղագետ Ջոն Ֆլամսթիդի հետ, որը նախկինում Սկզբունքների համար տվյալներ էր հայթայթել, բայց դրանք չէր տալիս Նյուտոնին։ Նյուտոնը «ոչը» չէր ընդունում որպես պատասխան և այդ իսկ պատճառով հասավ այն բանին, որ իրեն նշանակեցին Թագավորական աստղադիտարանի ղեկավար օրգանի անդամ և ճնշման ներքո հրատարակել տալ այդ տվյալները։ Վերջիվերջո, նրան հաջողվեց զավթել Ֆլամսիթի աշխատանքը և տպագրության պատրաստել նրա ոխերիմ թշնամի Էդմոնդ Հալլեի կողմից։ Բայց Ֆլամսիթն այդ դեպքի առիթով դիմեց դատարան և անմիջապես ստացավ դատարանի որոշումը, որը կանխում էր գողացված աշխատանքի տարածումը։ Նյուտոնը զայրացավ և իր վրեժը լուծեց՝ «Սկզբունքների» հաջորդ հրատարակությունում՝ բաց թողնելով Ֆլամսիթից կատարված բոլոր մեջբերումները։
Ավելի լուրջ վեճ ծագեց գերմանացի փիլիսոփա Գոթֆրիդ Լայբնիցի հետ։ Երկուսն էլ՝ Լայբնիցն ու Նյուտոնը, միմյանցից անկախ զարգացրել էին մաթեմատիկայի մի ճյուղ, որը կոչվում էր հաշիվներ, որի վրա է հիմնված ժամանակակից ֆիզիկայի մեծ մասը։ Չնայած մենք այժմ գիտենք, որ Նյուտոնը Լայբնիցից տարիներ առաջ էր բացահայտել հաշիվները, բայց իր աշխատանքը հրատարակել է շատ ավելի ուշ։ Դրան հաջորդեց մի բուռն վիճաբանություն՝ ո՞վ է առաջինը։ Գիտնականները երկու մրցակցին էլ եռանդով պաշտպանում էին։ Այնուամենայնիվ, ուշագրավ փաստ է, որ Նյուտոնին պաշտպանող գրեթե բոլոր հոդվածները իրականում գրված էին նրա իսկ ձեռքով, բայց ստորագրված էին ընկերների ստորագրությամբ։ Երբ վեճը թեժացավ, Լայբնիցը սխալ քայլի դիմեց և բողոքեց Թագավորական ընկերությանը՝ խնդրին լուծում տալու համար։ Նյուտոնը, որպես պրեզիդենտ, այդ հարցը լուծելու համար ստեղծեց մի «չեզոք» հանձնաժողով, որն, ի դեպ, ամբողջապես կազմված էր իր ընկերներից։ Բայց դա դեռ բոլորը չէ․ նա այնուհետև ինքը գրեց հանձնաժողովի զեկույցը, պաշտոնապես Լայբնիցին մեղադրեց գրագողության մեջ և Թագավորական ընկերությանը ստիպեց տպագրել այն։ Դրանով չբավարարվելով, նա այնուհետև մի անստորագիր հոդված ևս գրեց այդ զեկույցի շուրջ, որը տպագրվեց Թագավորական ընկերության սեփական պարբերականում։ Լայբնիցի մահից հետո Նյուտոնը հայտարարել է, որ ինքը մեծագույն բավականություն է ստացել «Լայբնիցի սիրտը կոտրելով»։
Այս երկու վիճաբանությունների ժամանակ Նյուտոնն արդեն թողել էր Քեմբրիջը և ակադեմիան։ Քեմբրիջում նա ակտիվ էր հակակաթոլիկական քաղաքականության մեջ, իսկ ավելի ուշ խորհրդարանում և ի վերջո պարգևատրվեց Թագավորական դրամահատարանի վարիչի շահավետ պաշտոնով։ Այստեղ նա օգտագործեց իր չարության և կծու հեգնանքի ամբողջ տաղանդը հասարակայնորեն ավելի ընդունելի ձևով, հաջողությամբ պայքարեց կեղծարարների դեմ, նույնիսկ կախաղան ուղարկեց մի շարք մարդկանց։
==Բառարան==
Ալիքի երկարություն ― Ալիքի երկու հաջորդական գագաթների կամ փոսերի միջև եղած հեռավորությունը։
Ալիք֊մասնիկային երկվություն ― Քվանտամեխանիկական հասկացություն, ըստ որի մասնիկների և ալիքների միջև տարբերություն չկա։ Մասնիկն իրեն երբեմն պահում է որպես ալիք, իսկ ալիքը՝ որպես մասնիկ։
Ատոմ ― Սովորական նյութի հիմնական միավոր, բաղկացած է շատ փոքր միջուկից, որը կազմված է պրոտոններից և նեյտրոններից և նրա շուրջ պտտվող էլեկտրոններից։
Անորոշության սկզբունք ― Մասնիկի դիրքն ու արագությունը (էներգիան) նույնպիսի ճշգրտությամբ չի կարելի որոշել․ որքան մեծ ճշգրտությամբ իմանանք մեկը, նույնքան նվազ ճշտությամբ կիմանանք մյուսը։
Արագացում ― Մարմնի արագության փոփոխությունը միավոր ժամանակում։
Արգելակման սկզբունք ― Երկու նույնական ½ սպին ունեցող մասնիկները (ինչպես էլեկտրոնը) չեն կարող ունենալ նույն դիրքն ու նույն արագությունը (էներգիան) անորոշության սկզբունքի սահմաններում։
Բացարձակ զերո ― Հնարավոր ամենացածր ջերմաստիճանը (-273,2°C), որում նյութը զրկված է ջերմային էներգիայից։
Գամմա ճառագայթ ― Շատ կարճ ալիքի երկարություն ունեցող էլեկտրամագնիսական ճառագայթում, որն առաջանում է ռադիոակտիվ քայքայման կամ տարրական մասնիկների բախման հետևանքով։
Գեոդեզիական ― Երկու կետերի միջև ամենակարճ (կամ ամենաերկար) հեռավորությունը երկրագնդի վրա։
Դաշտ ― Այն, ինչ գոյություն ունի ամենուրեք տարածության և ժամանակի մեջ՝ ի տարբերություն մասնիկի, որը գոյություն ունի միայն մի կետում, որոշակի ժամանակում։
Եզակիության թեորեմ ― Թեորեմ, որի համաձայն որոշակի պայմաններում պետք է գոյություն ունենա եզակիություն, մասնավորապես, տիեզերքը սկիզբ է առել եզակիությունից։
Եզակիություն ― Տարածություն ժամանակի մեջ այնպիսի մի կետ, որում տարածություն ժամանակի կորությունը անսահման է։
Զանգված ―Մարմնի մեջ եղած նյութի քանակը կամ այդ մարմնի իներցիան՝ արագացմանը դիմադրելու կարողությանը։
Էլեկտրաթույլ միասնական էներգիա ― Էներգիայի այն մակարդակը (մոտավորապես 100 ԳԷՎ), որից վերև էլեկտրամագնիսական ուժի և թույլ ուժի միջև տարբերությունը վերանում է։
Էլեկտրական լիցք ― Մասնիկի այն հատկությունը, որով նա վանում է (կամ ձգում) մեկ այլ մասնիկի, որն ունի նույն (կամ հակառակ) նշանը։
Էլեկտրական ուժ ― Էլեկտրական լիցք ունեցող մասնիկների միջև առաջացող ուժը, ուժգնությամբ երկրորդը չորս հիմնական ուժերից։
Էլեկտրոն ― Բացասական լիցքավորված տարրական մասնիկ, որը պտտվում է ատոմի միջուկի շուրջ։
Էներգիայի պահպանման օրենք ― Բնության հիմնական օրենքը, ըստ որի էներգիան (կամ համարժեք զանգվածը) չի կարելի ոչ ստեղծել և ոչ ոչնչացնել։
Էնտրոպիա ― Համակարգի կարգավորվածության աստիճանը ցույց տվող մեծություն։ Համաձայն տերմոդինամիկայի 2֊րդ օրենքի, բնության մեջ ինքնակամ պրոցեսները ընթանում են այնպես, որ համակարգը կանոնավոր վիճակից անցնում է անկանոն վիճակի, որի ընթացքում էնտրոպիան աճում է։
Ընդհանուր հարաբերկանության տեսություն ― Էյնշտեյնի տեսությունը՝ հիմնված այն պատկերացման վրա, համաձայն որի գիտության օրենքները նույնն են բոլոր դիտորդների համար, անկախ այն բանից, թե ինչպես են նրանք շարժվում։ Գրավիտացիոն ուժը արտահայտվում է որպես քառաչափ տարածություն֊ժամանակի կորություն։
Թույլ ուժ ― Չորս հիմնական ուժերից երկրորդ թույլ ուժը (գրավիտացիոն ուժից հետո), որը գործում է փոքր հեռավորությունների վրա։ Ազդում է բոլոր նյութական մասնիկների վրա, բացի ուժակիր մասնիկներից։
Լուսավայրկյան (լուսատարի) ― Լույսի անցած ճանապարհը մեկ վայրկյանում (մեկ տարում):
Կեղծ ժամանակ ― Այն ժամանակը, որը չափվում է կեղծ թվերի օգնությամբ։
Կշիռ ― Այն ուժը, որով գրավիտացիոն դաշտն ազդում է մարմնի վրա, համեմատական է մարմնի զանգվածին, բայց նրան հավասար չէ։
Կոորդինատներ ― Այն թվերը, որոնցով որոշվում է կետի դիրքը տարածություն֊ժամանակի մեջ։
Հակամասնիկ ― Յուրաքանչյուր տեսակի նյութական մասնիկ ունի իր համապատասխան հակամասնիկը (էլեկտրոն֊հակաէլեկտրոն֊պոզիտրոն)։ Երբ մի մասնիկ բախվում է իր հակամասնիկի հետ, երկուսն էլ անիհիլանում են՝ արձակելով միայն էներգիա։
Հաճախականություն ― Ամբողջական ալիքների (ցիկլերի) թիվը մեկ վայրկյանում։
Համեմատականություն ― «x֊ը համեմատական է y֊ին»՝ նշանակում է, որ x֊ը հավասար է y֊ի և որևէ թվի բազմապատկին։ «x֊ը հակադարձ համեմատական է y֊ին»՝ նշանակում է, որ երբ x֊ը բազմապատկվում է որևէ թվով, y֊ը բաժանվում է նույն թվին։
Հարաբերականության հատուկ տեսություն ― Էյնշտեյնի տեսությունը, ըստ որի գիտության օրենքները նույնն են բոլոր ազատորեն շարժվող դիտորդների համար՝ անկախ նրանց շարժման արագությունից։
Հզոր ուժ ― Չորս հիմնական ուժերից ամենաուժեղը, որը գործում է փոքր հեռավորությունների վրա։ Դրանք միմյանց են կապում քվարկները՝ պրոտոններում ու նեյտրոններում, և պրոտոններն ու նեյտրոնները՝ ատոմի միջուկում։
Մագնիսական դաշտ ― Մագնիսական ուժերը պայմանավորող դաշտը, այժմ էլեկտրական դաշտի հետ միավորված է որպես էլեկտրամագնիսական դաշտ։
Մասնիկ (իրական) ― Մասնիկային դետեկտորով ուղղակիորեն դիտարկվող (գրանցվող) նյութական մասնիկ, ինչպես պրոտոնը, էլեկտրոնը և այլն։
Մասնիկ (վիրտուալ) ― Քվանտային մեխանիկայում այն մասնիկը, որը դետեկտորով հնարավոր չէ ուղղակիորեն գրանցել, ինչպես գրավիտոնը, բայց նրա գոյությունը թողնում է չափելի ազդեցություն։
Մասնիկային արագացուցիչ ― Էլեկտրամասնիկների օգնությամբ լիցքավորված մասնիկներին մեծ արագություն (էներգիա) հաղորդող սարք։
Մարդաբանական սկզբունք ― Մենք տիեզերքը տեսնում ենք այնպես, ինչպես կա, որովհետև, եթե տիեզերքն այլ լիներ, մենք այստեղ չէինք լինի այն տեսնելու համար։
Մեծ միասնական էներգիա ― Էներգիայի այն մակարդակը, որից ավելի բարձր արժեքի համար, ըստ ամենայնի, էլեկտրամագնիսական ուժը, թույլ ուժը և ուժեղ ուժը դառնում են միմյանցից անզանազանելի։
Մեծ միասնական տեսություն (ՄՄՏ) ― Այն տեսությունը, որը միավորում է էլեկտրամագնիսական, ուժեղ և թույլ ուժերը։
Մեծ ճայթյուն ― Տիեզերքի վերջավորության եզակիությունը։
Մեծ պայթյուն ― Տիեզերքի սկզբնավորման եզակիությունը։
Մերկ եզակիություն ― Տարածության֊ժամանակի եզակիություն, որը շրջապատված չէ սև խոռոչով։
Միկրոալիքային ճառագայթման ֆոն ― Սկզբնական տաք տիեզերքի հրաշեկ ճառագայթումն այժմ այն աստիճան է շեղված դեպի սպեկտրի կարմիր տիրույթը, որ երևում է ոչ որպես լույս, այլ որպես միկրոալիք (ռադիոլաիք՝ մի քանի սանտիմետր երկարությամբ)։
Միջուկ ― Ատոմի կենտրոնական մասը, որը կազմված է պրոտոններից և նեյտրոններից, որոնք իրար միացած են ուժեղ ուժով։
Միջուկային սինտեզ ― Այն պրոցեսը, որի արդյունքում երկու միջուկներ բախվելով միանում են իրար և առաջացնում մեկ, ավելի ծանր միջուկ։
Նախասկզբնական սև խոռոչ ― Նախասկզբնական տիեզերքում առաջաց սև խոռոչ։
Նեյտրինո ― Չափազանց թեթև (հավանաբար զանգված չունեցող) տարրական նյութական մասնիկ, որի վրա ազդում են լոկ թույլ ուժը և գրավիտացիան։
Նեյտրոն ― Չեզոք (չլիցքավորված) մասնիկ, որը շատ նման է (բացի լիցքից) պրոտոնին և կազմում է ատոմի միջուկի մեջ մտնող մասնիկների մոտավորապես կեսը։
Նեյտրոնային աստղ ― Սառը աստղ, որը գոյատևում է նեյտրոնների միջև արգելակման սկզբունքի համաձայն գործող վանողական փոխազդեցության շնորհիվ։
Չանդրասեկհարի սահման ― Կայուն սառը աստղի հնարավոր առավելագույն զանգվածը (արևի զանգվածից մեկ և կես անգամ մեծ), որից ավելիի դեպքում աստղը կոլապսվում է սև խոռոչի։
Չափականություն ― Քառաչափ տարածություն֊ժամանակի մեջ ժամանակի մեկ և տարածության երեք չափումներից մեկը։
Պատահույթ (Դեպք) ― Տարածություն֊ժամանակի մեջ մի կետ, որը բնորոշվում է իր ժամանակով և տեղով։
Պատահույթի հորիզոն ― Սև խոռոչի սահմանագիծը։
Պլանկի քվանտային սկզբունք ― Այն պատկերացումը, թե լույսը (կամ որևէ դասական ալիք) առաքվում և կլանվում է որոշակի քվանտներով, որոնց էներգիան համեմատական է հաճախականությանը։
Պոզիտրոն ― Դրական լիցքավորված տարրական մասնիկ, էլեկտրոնի հակամասնիկը։
Պրոտոն ― Դրական լիցքավորված մասնիկ, որը կազմում է ատոմի միջուկի մասնիկների մոտ կեսը։
Ռադար ― Ռադիոալիքային ազդանշաններ օգտագործող համակարգ, որը որոշում է առարկաների դիրքը՝ իր արձակած ազդանշանի՝ առարկային հասնելու և նրանից անդրադառնալու ժամանակամիջոցը չափելով։
Ռադիոակտիվություն ― Մի տեսակի ատոմային միջուկի ինքնակամ քայքայումը մի այլ տեսակի։
Սահման չունենալու պայման ― Այն տեսակետը, որ տիեզերքը վերջավոր է, բայց սահմանագիծ չունի (կեղծ ժամանակում)։
Սև խոռոչ ― Տարածություն ժամանակի այն տիրույթը, որտեղից ոչինչ, նույնիսկ լույսը, չի կարողանում հեռանալ, որովհետև գրավիտացիան նրանում շատ ուժեղ է։
Սպեկտր ― Էլեկտրամագնիսական ալիքների, օրինակ, տարբաղադրումը բաղադրիչ հաճախականությունների։
Սպիտակ թզուկ ― Կայուն սառը աստղ, որը գոյատևում է անորոշության սկզբունքով պայմանավորված էլեկտրոնների միջև գործող վանողական փոխազդեցությամբ։
Սպին ― Տարրական մասնիկի ներքին հատկություն, որը կապված է, սակայն չի նույնանում սովորական պտույտի հետ։
Տարածություն֊ժամանակ ― Քառաչափ տարածություն, որի կետերը պատահույթ են։
Տարրական մասնիկ ― Մասնիկ, որը, թվում է, չի կարող մասնատվել։
Տիեզերաբանական հաստատուն ― Էյնշտեյնի օգտագործած մաթեմատիկական հնարք, որպեսզի տարածություն֊ժամանակը ինքնակամորեն ձգտի ընդարձակման։
Տիեզերագիտություն ― Տիեզերքի ուսումնասիրությունն ամբողջությամբ վերցրած։
Փուլ ― Ալիքի դիրքը ցիկլում որոշակի ժամանակամիջոցում, այսինքն՝ որտեղ է գտնվում՝ գագաթում, փոսում, թե որևէ այլ կետում։
Քվանտ ― Էներգիայի միավոր, որով առաքվում կամ կլանվում են ալիքները։
Քվանտային մեխանիկա ― Պլանկի քվանտային սկզբունքի և Հայզենբերգի անորոշության սկզբունքի հիման վրա մշակված տեսություն, որը նկարագրում է մասնիկի ալիքային շարժումը։
Ֆոտոն ― Լույսի քվանտը։