«Սամվել»–ի խմբագրումների տարբերություն
(→Դ. Մի աղոտ միտք ծագում է նրա մեջ) |
(→Ե. ՄԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ) |
||
Տող 361. | Տող 361. | ||
Առավոտյան մառախուղը չքացել էր: Դրսում տիրում էր ջերմ, լուսապայծառ օր: Օդի մեջ բուրում էր շրջակա եղևնիների բալասանական խնկահոտությունը: Ամեն ինչ ժպտում էր, ամեն ինչ ուրախություն էր շնչում, միայն Սամվելի սիրտը լցված էր խորին, անմխիթար տրտմությամբ: | Առավոտյան մառախուղը չքացել էր: Դրսում տիրում էր ջերմ, լուսապայծառ օր: Օդի մեջ բուրում էր շրջակա եղևնիների բալասանական խնկահոտությունը: Ամեն ինչ ժպտում էր, ամեն ինչ ուրախություն էր շնչում, միայն Սամվելի սիրտը լցված էր խորին, անմխիթար տրտմությամբ: | ||
+ | |||
+ | Նա դուրս եկավ յուր բնակարանից, անցնում էր ամրոցի ընդարձակ բակով: Պատանի Հուսիկը, կանգնած սենյակի դռան մոտ, մի առանձին ցավակցությամբ նայում էր նրա ետևից: Նրան հայտնի չէին յուր տիրոջ վշտերը, նա չգիտեր, թե ինչու էր նա այնքան տխուր, բայց նկատելով նրա տխրությունը, ինքը նույնպես տխրեց: Խեղճ պատանին սիրում էր յուր տիրոջը, յուր բարի և ազնիվ տիրոջը, որը այնքան ներողամիտ էր դեպի նա, որը երբեք չէր վշտացրել նրան: | ||
+ | |||
+ | Սամվելը ծածկված էր գարնանային թեթև վերարկուով, առանց թևքերը հագնելու, որ ծածանվում էին վերարկուի լայն ծալքերի հետ: Սպիտակ վերարկուն` գունավոր հագուստի հետ` մի առանձին վայելչություն էին ընծայում բարձրահասակ երիտասարդի գեղակազմ իրանին: Նա ամրոցի ուրախությունն էր, երբ առավոտյան յուր օթևանից դուրս էր գալիս և հայտնվում էր բակում: Ամեն կողմից ամեն աչքեր հիացած նայում էին նրա վրա: | ||
+ | |||
+ | Նա գնում էր առանց աջ ու ձախ նայելու, — գնում էր, գլուխը դեպի ցած խոնարհած, — գնում էր, որպես մի սգավոր: Այսպես ոչ ոք չէր տեսել նրան: Ի՞նչ դիրք բռնել մոր մոտ... կեղծե՞լ, խաբե՞լ նրան .. թե՞ բացարձակ կերպով դատապարտել հոր վարմունքը... — այդ վարանմանց մեջ էր նա, այդ մտքերն էին տանջում նրան: | ||
+ | |||
+ | Ամրոցում կյանքը արդեն զարթնել էր. ամեն ինչ շարժողության մեջ էր: Աղավնիները ցած էին իջել աշտարակների բարձրությունից, խումբերով պտտվում էին բակում և սիրաբորբոք տարփանքով քծնվում էին միմյանց շուրջը: Իշխանական աղախինները, գույնզգույն հագուստներով, ուրախ, զվարթ, կատակներ էին անում միմյանց հետ, ծիծաղում էին, և կուտ էին ցրվում սիրելի թռչուններին: Ներքինիները ծանր, հոգատար դեմքով, մի սենյակի դռնից դուրս էին գալիս և, լուռ ու մունջ ուրվականների նման, անցնում էին, մտնելով մի այլ սենյակ: Մի գեղեցիկ տղա խաղում էր եղջերվի ձագի հետ, որի պարանոցը զարդարած էր արծաթյա օղամանյակով: Դա Սամվելի փոքր եղբայրն էր: | ||
+ | |||
+ | Ցերեկվա լուսով ամրոցը ներկայանում էր յուր ահեղ, հսկայական կերպարանքով: Թանձր, քարաշեն շրջապարիսպը մրցում էր շրջակա ժայռերի և ապառաժների բարձրության հետ: Կարծես, կիկլոպների ձեռքը շարել էր այն ահագին քարերը միմյանց վրա և կազմել էր այդ վիթխարի շրջապարիսպը: Նրա մեջ զետեղված էին բոլոր շինվածքները, որ ծառայում էին մի մեծ իշխանական տան բնակության համար: Նա այնքան ընդարձակ էր, որ վտանգի ժամանակ կարող էր այնտեղ պատսպարվել շրջակա գյուղացիների մեծ մասը: Այդ կետից, Ողականը ավելի մի բերդ էր, քան թե ամրոց: Դեպի ամեն կողմ, ուր որ նայում էիր, տիրապետում էր ոչ այնքան նրբություն և գեղեցկություն, որքան պարզություն և անխորտակելի ամրություն: Նա ուներ այնքան շատ բաժանմունքներ, որքան շատ պետքերի էր ծառայում: Սամվելն անցնում էր այն բաժանմունքի բակով, որտեղ զետեղված էր կանանոցը: | ||
+ | |||
+ | Մի քանի րոպե կանգ առեց նա, խոսում էր եղջերվի ձագի հետ խաղացող եղբոր հետ: Գեղեցիկ երեխան ուրախանալով ցույց էր տալիս, թե որքան աճել էին «սիրունիկի» եղջյուրները: Այդ միջոցին մանկահասակ աղախինները շրջապատեցին նրան: Մի սևաչյա օրիորդ մինչև անգամ համարձակվեցավ ձեռքը մեկնել և ուղղել նրա պատմուճանի օձիքը: | ||
+ | |||
+ | — Շնորհակալ եմ, Նվարդ, — ասաց իշխանը ժպտալով, — իմ Հուսիկը շատ անշնորհք է, չգիտե լավ հագցնել յուր տիրոջը: | ||
+ | |||
+ | — Այո, անշնորհք է... տեր իմ, — կրկնեց օրիորդը և ամոթխածությունից նրա գունատ թշերը ներկվեցան վարդի գույնով: | ||
+ | |||
+ | Դա նույն աղջիկն էր, որին սիրում էր պատանի Հուսիկը: | ||
+ | |||
+ | Մի քանի րոպե ևս Սամվելը զբաղված էր յուր եղբորով, նրա սիրուն եղջերվով, և լսում էր ուրախ, անհոգ օրիորդների հանաքները: Դրանով աշխատում էր ժամանակ վաստակել, որպեսզի լավ որոշե յուր խաղալու դերը մոր մոտ: | ||
+ | |||
+ | Այդ միջոցին կանանոցի շքեղ դահլիճներից մեկում, մի կին կանգնած էր մետաղյա հղկած հայելիի առջև, և ինքն յուր վրա սիրահարվածի նման, նայում էր, ժպտում էր, և մի առանձին հրճվանքով ուղղում էր գլխի զարդերը: Արդեն մի քանի անգամ նա մոտեցել էր այդ հայելուն և, չհավատալով յուր աչքերին, այդ վերջին փորձն էր անում, ստուգելու համար, արդյոք այնքան սա՞զ էին գալիս այդ նոր զարդերը, որքան նա կարծում էր: | ||
+ | |||
+ | Նախասենյակում լսելի եղան ոտքի ձայներ: Նա շտապով թողեց հայելին, անցավ գահավորակի վրա, նստեց և, թիկն տալով թավիշյա բարձերին, լուրջ դեմք ընդունեց: Նա յուր հասակից ավելի թարմ և անթառամ էր մնացած: Նրա տարիքը վաղուց մոտեցել էին հիսունին, բայց դեռ մի մանկահասակ հարսի տպավորություն էր գործում: Եթե գիրությունը և ճարպի անհամեմատ պարարտությունը կոշտացրած չլինեին նրա մարմինն ու դեմքը, նրան կարելի էր մինչև անգամ գեղեցիկ համարել: Խոշոր աչքերի մեջ վառվում էր գոռոզություն և տոհմային հպարտություն, որը | ||
+ | բոլորովին անհետացնում էր նրանց մեղմ քաղցրությունը: | ||
+ | |||
+ | Այդ փառահեղ տիկինը Սամվելի մայրն էր, որին կոչում էին Տաճատուհի: | ||
+ | |||
+ | Ներս մտավ երիտասարդը բռնի ժպիտը երեսին: | ||
+ | |||
+ | Ներս մտավ երիտասարդը բռնի ժպիտը երեսին: | ||
+ | |||
+ | — Բարի լու՛յս, սիրելի մայրիկ, — ասաց նա և, յուր սովորության համեմատ, մոտեցավ ձեռքը համբուրելու: | ||
+ | |||
+ | Բայց երկու քայլ հեռավորության վրա կանգ առեց և կիսահեգնական և կիսազարմացական ձայնով բացականչեց. | ||
+ | |||
+ | — Այդ ի՛նչ եմ տեսնում... Աստված է վկա, առանց հարցնելու կարող եմ ասել, որ հայրս գալիս է: | ||
+ | |||
+ | — Ինչի՞ց իմացար, — հարցրեց մայրը, քաղցր կերպով ժպտալով: | ||
+ | |||
+ | — Այդպես զարդարվել ես... հոնքերդ ներկել ես... ձեռքերդ ներկել ես... Այդ բոլորը ո՞ւմ համար է... | ||
+ | |||
+ | Մայրը գրկեց որդուն, ճակատը համբուրեց և, նստեցնելով յուր մոտ` գահավորակի վրա, ասաց. | ||
+ | |||
+ | — Ա՜յո, գալիս է: Հիմա տո՜ւր, «ավետչեքս»: | ||
+ | |||
+ | Վերջին խոսքերի միջոցին մայրը ձախ ձեռքով գրկեց որդու պարանոցը, իսկ աջ ձեռքով բռնեց նրա ականջից, կրկնելով. | ||
+ | |||
+ | — Ասա, ի՞նչ ես տալիս: | ||
+ | |||
+ | — Մի զույգ համբույր, — պատասխանեց որդին, աշխատելով ականջն ազատել նրա ձեռքից: — Դրանից ավելի լա՞վ ավետչեք: Էլ ի՞նչ ես ուզում: | ||
+ | |||
+ | — Հենց այդ եմ ուզում, — ասաց մայրը և, սեղմելով նրան յուր կուրծքի վրա, համբուրեց երկու թշերից: | ||
+ | |||
+ | Որդու ողջագուրանքը, մոր սիրալիր փաղաքշանքը բոլորովին անկեղծ էին: Մայրը ուներ սիրող սիրտ, մանավանդ դեպի յուր զավակները. իսկ որդին հնազանդ ծնողասեր զավակ էր: Այժմ այդ անարատ սիրո մեջ մտել էր մի դև, մի չար միտք, որ պիտի երկպառակեր ընտանեկան խաղաղությունը, որ պիտի գժտություն, ատելության և, գուցե, ավելի աղետավոր թշնամանք սերմաներ որդու և ծնողների մեջ: Ամեն անգամ, որ այդ մտածությունները պաշարում էին Սամվելին, նա ամբողջ մարմնով դողում էր: | ||
+ | |||
+ | Նույն մտածությունները ոչ սակավ, սաստկությամբ հուզում էին և մոր սիրտը: Նա գիտեր Սամվելի ամուր հավատը, գիտեր նրա կրոնական ջերմեռանդությունը, նրան ծանոթ էին յուր որդու հայրենասիրական ջերմ զգացմունքները: Այժմ ի՜նչպես հայտներ որդուն, թե նրա հայրը ուրացել է յուր կրոնը և պարսից զորքերով գալիս է ոչնչացնելու ամեն ինչ, որ հայկական է: | ||
+ | |||
+ | Մայրը դեռ շատ առաջ կամակից էր յուր ամուսնի հետ: Նրանք պատկանում էին հայոց ազնվականների այն խստասիրտ և պարսկամոլ կուսակցությանը, որ ատում էին հույներին, ատում էին և բնիկ Արշակունի թագավորներին: Բայց մոր պարսկամոլությունը մինչև այնօր դեռ չէր արտահայտվել ազգային կամ քաղաքական խոշոր խնդիրների մեջ: Մայրը միայն սիրում էր ընտանիքի մեջ մտցնել պարսկական լեզու, պարսկական սովորություններ, թեև այդ բոլորի համար միշտ հանդիպում էր որդու խորին տհաճությանը: Այդ ընտանեկան խուլ կռիվը վաղուց սկսվել էր նրանց մեջ, և վաղուց Սամվելը նախապատրաստված էր որպես մի ընդդիմադիր ուժ արգելք դնելու մոր ձգտումներին: Բայց դեռ երևույթներն այնքան անմեղ էին և առիթներն այնքան մեղմ էին, որ երբեք պատճառ չէին տվել ընտանեկան ծայրահեղ երկպառակության: Իսկ ա՞յժմ. այժմ ի՞նչ պետք էր անել: Այժմ ներկայանում էր մի սարսափելի պատճառ, որ կամ միանգամից պետք է խորտակեր ընտանեկան բոլոր կապերը, կամ որդուն հնազանդեցներ ծնողաց կամքին: Մայրը այդ հույսը չուներ. նրան հայտնի էր որդու համառությունը, նրան հայտնի էր որդու և հաստատամտությունը: Ամբողջ գիշերը մտածում էր նա այդ մասին և ոչինչ ելք չէր գտնում: Վերջը վճռեց աղետավոր իրողության կեսը միայն հայտնել որդուն, իսկ մնացած կեսը պահել ավելի բարեհաջող ժամանակի համար: | ||
+ | |||
+ | Այժմ սկսեց ավելի թեթև խոսակցություններով զբաղեցնել որդուն, որ մի առանձին զվարճությամբ նայում էր նրա վրա: | ||
+ | |||
+ | — Ինչպե՞ս ես գտնում այդ նոր զարդարանքը, — հարցրեց Սամվելից: | ||
+ | |||
+ | — Հորս գլուխը վկա, սքանչելի է, — պատասխանեց որդին, — միայն դու մոռացել ես ներկել քո շրթունքները, այն ժամանակ կատարելապես մի պարսկական թագուհու կնմանեիր: | ||
+ | |||
+ | — Դու հեգնում ես, Սամվե՜լ: | ||
+ | |||
+ | — Ի՞նչ հեգնելու բան կա, — ծիծաղելով ասաց որդին և, ձեռքը տանելով, մոր զարդարանքները մի առ մի շոշափելով, շարունակեց. | ||
+ | |||
+ | — Բոլո՛րը գեղեցիկ է, բոլո՛րը հրաշալի է: Ահա այդ արծաթյա մահիկը, զարդարած խոշոր ալմաստներով, որ կապել ես լայն ճակատիդ, դա փայլում է, որպես նորածին կիսալուսինը փայլում է պարզ երկնակամարի վրա. դա կթափե քո վրա այն բոլոր բարիքները, ինչ որ լուսինը թափում է արարածների վրա: Իսկ այդ ալմաստները, որ սփռված են մահիկիդ շուրջը, մշտական ուրախություն կշնչեն քո սրտին, հաղթող կհանդիսացնեն քեզ ամեն ձեռնարկության մեջ և թագավորների աչքում սիրելի կկացուցանեն: Ահա այդ սիրուն թանան, որ կրում ես քթիդ վրա, յուր մեխակի ձևով` միշտ անուշահոտությամբ կհրապուրե քո հոտոտելիքը, իսկ յուր երկնագույն փիրուզայի ակնով կլիացնե քո արկղները ոսկով ու արծաթով, քո խոսքը, քո խնդիրքը ընդունելի կանե ամենի մոտ և քեզ հեռու կպահե թագավորների պատուհասներից: Ահա այդ ոսկյա գնտերը, որ վառվում են գույնզգույն զմրուխտներով, կպահպանեն քո լսելիքը անախորժ ձայներից և միշտ ուրախալի համբավներով կզվարճացնեն քեզ: Իսկ այդ զմրուխտները կկուրացնեն օձի ու վիշապի աչքերը և քո անձը անխոցելի կպահեն ամեն թունավոր զեռունների ու միջատների խայթոցներից: Ահա այդ մարգարտաշար մանյակը յուր խորհրդավոր հուռութքներով, դրանց մեջն է ամփոփված քո բախտը, քո թովիչ զորությունը և քո կախարդիչ հրապուրանքը, որոնք կնոջ համար անհրաժեշտ են... | ||
+ | |||
+ | Նա առեց մոր ձեռքերը յուր ափերի մեջ և շարունակեց. | ||
+ | |||
+ | — Այդ օձաձև ապարանջանները, որքա՛ն գեղեցիկ են, որքա՛ն խորհուրդ կա դրանց մեջ... դրանք կտան քո բազուկներին հաջողություն և օձի իմաստություն, ինչպես տվեց օձը մեր նախամայր Եվային... Իսկ այդ մարջանով բուստ) և գույնզգույն հուլունքներով զարդարած թևակապները, որոնց մեջ պահվում են, ո՜վ գիտե, ինչ տեսակ թալիսմաններ, — դրանք հեռու կպահեն քեզ չար աչքերից և չար պատահարից, դրանք կպահպանեն քեզ դևերի, քաջքերի և բոլոր աներևույթ ոգիների պատրանքներից: Ես համոզված եմ, որ այդ թևակապների մեջ ամփոփված են մի որևիցե մոգի դրվածքները ... | ||
+ | |||
+ | Մայրը խոժոռ դեմք ընդունեց: Որդին շարունակեց, ցույց տալով մատանիների նշանակությունը. | ||
+ | |||
+ | — Այդ մատանին կարմիր յաղութի հակինթ) քարով ամեն մարդկանց մոտ հաճելի կանե քեզ: Այդ մյուսը` սարդիոնի սեյլան) քարով` փարատում է արյունահեղությունը: Այդ երրորդը` վարդագույն սուտակի լալ) քարով` փարատում է վշտերը և հալածում է դևերին: Այդ չորրորդը` խայտաճամուկ օձաքարով` թույների ներգործությունը ոչնչացնում է: Այդ հինգերորդը` հակիկի դեղնագույն քարով` ոչնչացնում է մարդկանց չար մտքերը... | ||
+ | |||
+ | Մայրը հասկացավ, որ որդին ծաղրում էր նրա սնահավատությունը և հեթանոսական նախապաշարմունքները, այդ պատճառով ընդհատեց նրա բացատրությունները խիստ և վիրավորված ձայնով. | ||
+ | |||
+ | — Բավական է, ես գիտեմ քո թերահավատությունը... դու այդպիսի բաների չես հավատում... | ||
+ | |||
+ | — Իզուր ես այդպես կարծում, սիրելի մայրիկ, — պատասխանեց Սամվելը անվրդով կերպով, — ես կամենում եմ ցույց տալ, որ այնքան տգետ չեմ, այլ բոլորի նշանակությունը հասկանում եմ... | ||
+ | |||
+ | — Մի՞թե ես առաջ այդպիսի զարդեր չէի կրում, և մի՞թե մեր նախարարների բոլոր կանայքը այդպիսի զարդեր չեն կրում: | ||
+ | |||
+ | — Ճշմարիտ է, դու, կրում էիր... այն ևս ճշմարիտ է, որ մեր նախարարների կանայքը նույնպես կրում են, բայց ձևերի մեջ մեծ զանազանություն կա: Քո կրածները կատարելապես նմանեցրած են պարսկական ձևերին... | ||
+ | |||
+ | — Թո՜ղ այդպես լինի, ի՞նչ կա: | ||
+ | |||
+ | — Ոչինչ... ես միայն զարմանում եմ, թե ինչպե՛ս շուտ դու պատրաստել տվեցիր այդ բոլորը: | ||
+ | |||
+ | — Ես վաղուց պատրաստել էի տվել... ես միայն սպասում էի... | ||
+ | |||
+ | — Որ հորս գալուստը լսածին պես կրե՜ս... Այդպես չ՞է: | ||
+ | |||
+ | Մայրը ոչինչ չպատասխանեց և, նկատելով, որ այդ խոսակցությունը անախորժ կերպարանք է ստանում, խոսքը փոխեց. | ||
+ | |||
+ | — Գիտե՞ս, Սամվել, քեզ ինչու համար կանչեցի: | ||
+ | |||
+ | — Ես ոչինչ չգիտեմ... | ||
+ | |||
+ | — Հորիցդ նամակ ստացա, կանչեցի, որ հայտնեմ քեզ: | ||
+ | |||
+ | — նամա՞կ ստացար, — բացագանչեց Սամվելը, — այդ ուրախալի՛ է... շա՛տ ուրախալի... Եր՞բ ստացար: | ||
+ | |||
+ | — Այս գիշեր: Սուրհանդակ եկավ: | ||
+ | |||
+ | Տիկինը ցած իջավ գահավորակի վրայից, հագավ կապտագույն մաշիկները, որ դրած էին գահավորակի առջև, անցավ դահլիճի միջով և մոտեցավ պատուհաններից մեկին, վեր բարձրացրեց մետաքսյա վարագույրը: Այդ ժամանակ միայն, երբ նա երեսը շուռ տվեց, Սամվելը ուշադրություն դարձրեց մոր ծամքաղի վրա, որի մյուս զարդարանքների թվում նկատեց բորենու ճիրանից շինված մի հուռութք, որ բռնված էր արծաթի կանթի մեջ: | ||
+ | |||
+ | վերադարձավ, ձեռքում բերելով մագաղաթի մի գալարված փաթոթ, որ կապած էր մետաքսյա, գույնզգույն նարոտով: Նա տվեց մագաղաթը որդուն, ասելով. | ||
+ | |||
+ | — Հորդ նամակն է: | ||
+ | |||
+ | Սամվելը ուրախությամբ բաց արեց մագաղաթի փաթոթը և, նայելով նրա վրա, ասաց. | ||
+ | |||
+ | — Դա պարսկերեն է գրված... | ||
+ | |||
+ | Մայրը կիսախրատական և կիսահանդիմանական եղանակով նկատեց նրան. | ||
+ | |||
+ | — Ա՛յ, քեզ որ միշտ ասում էի, որդի, սովորի՜ր այդ լեզուն, դու ինձ ականջ չէիր դնում, խելքդ ու միտքդ տվել էիր այն անիծված հունարենին և ասորերենին: Հիմա տեսնո՞ւմ ես, հորդ նամակն էլ չես կարողանում կարդալ: Դու մինչև անգամ աշխատում էիր` քո փոքր եղբորը, Վահանին ևս դժբախտացնել, արգելում էիր նրան պարսկերեն սովորել: Բայց նա այժմ ո՜չ | ||
+ | միայն վարժ խոսում է, այլև գրում է: | ||
+ | |||
+ | Մոր հանդիմանությունը սաստիկ վրդովեցրեց Սամվելին, բայց նա, զսպելով իրան, ասաց. | ||
+ | |||
+ | — Դու, իհարկե, կարդացած կլինես, պատմի՜ր, ի՞նչ է գրում հայրս: | ||
+ | |||
+ | Տիկինը պատմեց այն, ինչ որ արդեն գիտեր Սամվելը, թե Շապուհ արքան շնորհել է յուր ամուսնին հայոց սպարապետությունը, իսկ յուր եղբորը, Մերուժանին, խոստացել է հայոց թագավորությունը, և յուր քույր Որմիզդուխտին արքան կնության է տվել Մերուժանին: Եվ այժմ թե՜ Մերուժանը, և թ՜ե յուր ամուսինը ճանապարհի վրա են, պարսից զորքերով գալիս են, մեկը հայոց թագավոր դառնալու համար, մյուսը` հայոց սպարապետ: | ||
+ | |||
+ | Այդ պատմության բոլոր ժամանակ տիկնոջ դեմքը փայլում էր անսահման ուրախությամբ, իսկ Սամվելը խորին վրդովմունքով լսում էր նրան, ավելի և ավելի պինդ գալարելով յուր ձեռքում մագաղաթի թերթը, որ բերել էր աղետավոր լուրը: Բայց Սամվելը նախապատրաստված էր այդ բոլոր դառն և ամոթալի եղելությունները լսելու, որոնց մեջն էր տեսնում յուր հայրենիքի կործանումը: | ||
+ | |||
+ | Տիկինը յուր ստացած տեղեկությունների մի մասը միայն պատմեց, և նամակի մեջ այնքանը միայն գրված պետք է լիներ: Բայց նա թաքցրեց Սամվելից, թե նրա հայրը և Մերուժանը ուրացել են քրիստոնեությունը, ընդունել են պարսից կրոնը և խոստացել են Շապուհին նույնը մտցնել և Հայաստանում, և այդ մտքով բերում են իրենց հետ մոգերի ահագին բազմություն, որ եկեղեցիների փոխարեն ատրուշաններ հիմնեն, և ամեն տեղ բաց անեն պարսից դպրոցներ, նախարարների և ազնվականների թ՜ե տղաներին, և թ՜ե աղջիկներին պարսկական ոգով և պարսկական կրոնի հրահանգներով կրթություն տալու համար: Նա ծածկեց Սամվելից և նրա հորեղբոր, Վասակի չարաչար մահը Շապուհից, ծածկեց և Արշակ թագավորի աքսորվիլը Անհուշ բերդում: Այդ բոլորը, իհարկե, գիտեր տիկինը, այդ բոլորը, անտարակույս, բերանացի հաղորդած կլիներ նրան նամակը բերող սուրհանդակը: | ||
+ | |||
+ | Տիկինը նկատեց այն վատ տպավորությունը, որ յուր պատմությունը գործեց որդու վրա, բայց իրան չգիտենալ ձևացնելով, գրկեց որդուն և, սեղմելով յուր կրծքի վրա, ասաց. | ||
+ | |||
+ | — Դու այժմ կարող ես շնորհավորել ինձ, սիրելի Սամվել, — եղբայրս հայոց թագավոր, իսկ քո հայրը` հայոց սպարապետ... | ||
+ | |||
+ | Սամվելի դրությունը աննախանձելի էր: Նա կամ բացարձակ կերպով պետք է հայտներ յուր զզվանքը հոր և Մերուժանի վարմունքի դեմ, պատմելով բոլորը, ինչ որ ինքը գիտեր նրանց դավաճանությունների մասին, և կամ պետք է լռեր, որ միգուցե յուր անզգուշությամբ գործը փչացներ, և յուր արդեն խորհած, վճռած նպատակները մնային անկատար: Բայց լռել չէր կարող նա, պետք էր մի բան պատասխանել: Այդպիսի դժվարին րոպեներում նրան օգնության էր հասնում յուր սովորական թերահավատությունը մի կողմից, և յուր կծու հեգնությունը, մյուս կողմից: | ||
+ | |||
+ | — Այդպես շուտ ուրախանալ, դեռ վաղ է, սիրելի մայր, — ծիծաղելով պատասխանեց նա, դուրս պրծնելով մոր գրկից: | ||
+ | |||
+ | — Ինչո՞ւ, — հարցրեց մայրը և նրա ձայնը դողաց սրտի հուզմունքից: | ||
+ | |||
+ | — Դեռ հայոց թագավորը կենդանի է... | ||
+ | |||
+ | Տիկինը չկարողացավ իրեն զսպել, հայտնեց այն, ինչ որ ծածկել էր աշխատում. | ||
+ | |||
+ | — Հայոց թագավորը աքսորված է Անհուշ բերդում, որտեղից մարդիկ այլևս չեն վերադառնում: | ||
+ | |||
+ | — Այդ ես գիտեմ, որ այնտեղից մարդիկ այլևս չեն վերադառնում, բայց հայոց թագաժառանգը Կ. Պոլսումն է, քրիստոնյա կայսրի մոտ... | ||
+ | |||
+ | — Նրան ո՞վ կբերե և յուր հոր գահը կնստացնե: | ||
+ | |||
+ | — Հունաց զորքերը և հայոց նախարարները... | ||
+ | |||
+ | — Մինչև նրանց գալը, հայոց երկիրը գրավված կլինի պարսից զորքերով, իսկ իմ եղբայրը թագավոր: | ||
+ | |||
+ | — Հաջողություն եմ ցանկանում... | ||
+ | |||
+ | — Դու չես հավատում, Սամվել, բայց շուտով կտեսնես, որ այդ բոլորը կկատարվի, — ասաց մայրը, աշխատելով համոզել որդուն: — Դու ասում ես, որ հայոց թագաժառանգը կայսրի մոտ է, հունաց զորքերով կգա և յուր հոր գահը կժառանգե: Բայց գիտե՞ս ո՜վ է հունաց այժմյան կայսրը: — Հայերի թշնամի Վաղեսը: Նա արդեն հայոց քահանայապետ Ներսեսին, որ գնացել էր Կ. Պոլիս կայսրից օգնություն խնդրելու, ոչ միայն մերժել է յուր երեսից, այլ աքսորել է Միջերկրական Պատմոս կղզում: Այդ դու գիտե՞ս: | ||
+ | |||
+ | — Առաջին անգամն եմ լսում... | ||
+ | |||
+ | Բայց նա գիտեր հալածասեր Վաղեսի անիրավ վարմունքը Ներսես Մեծի հետ: Նա ամենայն ուշադրությամբ հետևում էր բոլոր աղետավոր անցքերին, որ այդ ժամանակ կատարվում էին յուր հայրենիքի վերաբերությամբ: Եվ նրա զգայուն սիրտը բազմաթիվ վերքերով խոցված էր կատարվող չարիքներից: | ||
+ | |||
+ | Նա մտածեց կշտամբել մոր համակրությունը դեպի Վաղեսի վարմունքը: Նա մտածեց հայտնել յուր խորին տհաճությունը դեպի յուր հոր և Մերուժանի գործողությունները, բացատրելով, թե որպիսի՜ ազգակործան հետևանքներ կարող էին ունենալ նրանց ձեռնարկությունները և, վերջապես, նա մտածեց խոստովանվել մոր առջև, թե ինքը, որքան կարող է, ամեն հնարներ գործ կդնե` ոչնչացնելու հոր դիտավորությանը: Բայց նա գիտեր յուր մոր անսահման փառասիրությունը: Նա ցանկանում էր հայոց սպարապետի տիկին լինել և հայոց թագավորի քույր: Ամեն մի ապացույց այդ մոլեգին ցանկության առջև կկորցներ յուր ազդեցությունը: | ||
+ | |||
+ | Խոհեմությունը փականք դրեց նրա լեզվին: | ||
+ | |||
+ | ==Զ. ԵՐԿՈՒ ԵՂԲՈՐ ՈՐԴԻՆԵՐ== | ||
+ | |||
+ | Մամիկոնյան նախարարները, վաղեմի ժամանակներից, վայելում էին հայոց սպարապետության արտոնությունը: Այդ բարձր պաշտոնավարության իրավունքը անցնում էր նրանց տոհմի մեջ ժառանգաբար, որդին փոխարինում էր հորը նրա վախճանից հետո: Թեև եղել են բացառություններ, որ հայոց մյուս նախարարական տներից ևս սպարապետներ են ընտրվել, բայց այդ եղել է այն ժամանակ միայն, երբ թագավորի և Մամիկոնյանների մեջ որևէ, թշնամություն է տեղի ունեցել: |
18:59, 23 Փետրվարի 2018-ի տարբերակ
հեղինակ՝ Րաֆֆի |
ՍԱՄՎԵԼ
Պատմական վեպ
Բովանդակություն
ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔ
Ա. Երկու սուրհանդակներ
Լուսնի եղջյուրը ծածկվեցավ Քարքե լեռան ետևում և Տարոնը ընկղմվեցավ գիշերային խավարի մեջ: Ոչ մի աստղ այդ գիշեր չէր երևում: Երկինքը պատած էր մոխրագույն ամպերով, որոնք մեղմ հոսանքով լողում էին դեպի Կրկուռ և Նեմրութ լեռների կողմերը և, այնտեղ կուտակվելով, թանձրանալով, միգային-սև կերպարանք էին ստանում: Այդ կողմից երբեմն փայլատակում էր, կայծակը, և լսելի էր լինում որոտման խուլ դղրդյուն, որ գուշակում էր հորդ անձրև:
Գիշերային այդ տագնապալի պահուն երկու ձիավորներ անցնում էին Մուշի դաշտով: Նրանք գալիս էին հեռվից, շատ հեռվից: Մի ամիս առաջ դուրս եկան Տիզբոնի երկաթյա քաղաքադռնից, անցան Խուժիստանի անապատները, անցան արևակեզ Ասորեստանը, անցան հայկական Միջա գետը և մի օր առաջ ոտք դրեցին Մուշի դաշտի վրա: Դրանք երկու սուրհանդակներ էին:
Երկու սուրհանդակներից մեկի ձին սևագույն էր, մյուսինը` կապուտակ: Կապուտակ ձիավորը առաջինի ուղևորության մասին տեղեկություն ուներ, ամենայն զգուշությամբ հետևում էր նրան և երբեք յուր նկատողությունից բաց չէր թողնում: Իսկ առաջինը չգիտեր, որ իրան հետևում են: Այդ էր պատճառը, որ նրանք, երկու մոլորակների նման, թեև գնում էին միևնույն ուղղությամբ, բայց այնպիսի զուգահեռական գծերով, որ բնավ միմյանց չէին հանդիպում: Երկուսն էլ ճանաչում էին միմյանց:
Նրանք արդեն հասել էին Արածանիի ափերին:
Կապուտակ ձիավորը այստեղ կանգ առեց: Նա նայեց դեպի երկինքը, նայեց դեպի յուր շուրջը: Կամենում էր գիտենալ, թե ո՜րքան ժամանակ էր մնացել, մինչև լույսի բացվելը: Ոչ մի աստղ ցույց չտվեց նրան գիշերային ժամը: Ամեն ինչ խորասուզված էր անվերծանելի մթության մեջ:
Բայց պետք էր շտապել...
Երկու մտածություններ մի քանի րոպե պահեցին նրան անվճռականության մեջ. գետո՞վ անցնել, թե կամուրջո՞վ գնալ: Կամուրջով — դա շատ հեռու կտաներ և գուցե կհանդիպեր նրան... և գուցե կբռնվեր կամուրջի գիշերային պահակներից... Վճռեց անցնել գետով:
Հեզ և արծաթափայլ Արածանին գարնանային հեղեղներից կատաղել էր և պղտոր հորձանքներով ծածկել էր յուր ափերը: Բայց մեր ուղևորը ծանոթ էր նրա ծանծաղուտների հետ: Նա ցած իջավ ձիուց, ձեռքով փայփայեց յուր կապուտակի գեղեցիկ բաշը, փոքրիկ գլուխը, ասելով. «Դու քաջությամբ կտրեցիր Տիգրիսի ահռելի ալիքները, այժմ հայրենի երկրի Արածանին ինչո՞ւ պետք է վախեցնե քեզ»: Նա ձիու սանձը հանեց բերանից, որ լողալու միջոցին ազատ շունչ առնե, նստեց և, երեսը խաչակնքելով, քշեց դեպի գետը:
Գետը, մի ահարկու վիշապի նման, գոռում էր, գոչում էր: Գիշերային մթության մեջ` նրա պղտոր հոսանքը ավելի մռայլ կերպարանք էր ստացել: Ձին, ամբողջ մարմնով խորասուզված ջրի մեջ, միայն գլուխը վեր բարձրացրած, մռնչելով և փռնգալով, պատերազմում էր ալիքների հետ: Նրա ոտները հատակին չէին դիպչում, անցնում էր լողալով: Ձիավորը, սանձի փոխարեն բռնած ուներ նրա բաշից, և ձեռքով ուղղություն էր տալիս ընթացքին: Մի քանի պտույտների մեջ` թե ձին և թե ձիավորը սկեցին ջրի տակ: Կրկին դուրս հայտնվեցան: Երբեմն անցնում էին նրանց մոտով ծառի կոճղներ, գերանի կտորներ, որ ծփալով տարվում էին կոհակների հետ: Ձիավորր շտապում էր խույս տալ դրանցից: Բայց ահա՜ հեռվից մի ինչ-որ որոտում էր: Տագնապը մոտենում էր: Ձիավորը չկորցրեց յուր սառնասրտությունը և խորին ուշադրությամբ նայեց դեպի այն կողմը: Մի մթին, անորոշ կույտ լողում էր ջրի երեսին: Որքան մերձենում էր, այնքան աճում էր նա, այնքան սոսկալի ձև էր ստանում: Կարծես, մի ամբողջ բլուր դանդաղ ընթացքով շրջում էր գետի վրա: Մերթ անհայտանում էր նա մերթ երևան էր գալիս ավելի ահարկու կերպարանքով: Ձիավորը հասկացավ նրա ինչ լինելը: Նա մի ակնթարթում ձիու թամբից սողաց դեպի գավակը, որ նրա բեռը թեթևացնե: Բռնեց ագիից, սկսեց շտապեցնել նրան: Օրհասական ժամը մոտենում էր, քանի որ թանձր, այլանդակ հրեշի նման մոտենում էր մթին կույտը: Նրա որոտը խլացնում էր ամեն ձայն: Պետք էր փախչել նրանից, եթե ոչ, մի թեթև տաշեղի նման յուր հետ կտաներ թե ձիուն, թե ձիավորին: Ձին անգամ զգաց մոտալուտ վտանգը և կրկնապատկեց յուր ուժերը: Անհնարին արագությամբ կտրում էր նա կոհակները: Հրեշը անցավ: Դա ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մերձակա անտառների մի մասը, որ հեղեղը արմատախիլ անելով յուր պտույտների մեջ կծկել էր, գալարել էր, և մի այնպիսի այլանդակ գունդի ձև էր տվել:
Ձիավորը կրկին անգամ գոհությամբ երեսը խաչակնքեց, երբ ոտք դրեց ցամաքի վրա:
Նա յուր հագուստը քամեց, ցամաքացրեց, հետո սանձը դրեց ձիու բերանը, և շարունակեց ճանապարհը, ինքը գնալով ոտով, իսկ ձիուն յուր ետևից քարշ տալով, որ փոքր-ինչ հանգստանա: Բայց ձին դժվարությամբ էր հետևում նրան: Որքան նա ջրի մեջ արագընթաց էր, այնքան ցամաքի վրա դանդաղկոտ դարձավ: Տերը վերաբերում էր այդ նրա հոգնածությանը:
Գետեզերքից բավական հեռանալով, այժմ մոտեցավ նա Քարքե լեռան բարձրավանդակներին: Ճանապարհը զառիվեր էր, ոլորվում էր սարերի լանջաց վրայով, իջնում էր խորին ձորերի, փապարների մեջ, և դարձյալ բարձրանում էր բլուրների վրա: Նա ծանոթ էր այդ անտառապատ լեռների հետ, գիտեր նրանց դժվարին անցքերն ու շավիղները, երեխայությունից սնվել ու մեծացել էր այդ խոնավ ծմակների մթության մեջ, ուր ցերեկի լույսը երբեք չէր թափանցում: Նա ապառաժների ու անտառների որդի էր:
Կայծակը շանթեց մոտակա ծառերի կատարներին և մերձակայքը լուսավորվեցավ բաց-վարդագույն փայլով: Որոտի ձայնը ահեղ դղրդյունով տարածվեցավ մթին ձորերի մեջ: Ուղևորը նայեց դեպի ամպամած երկինքը և շտապեցրեց յուր քայլերը: Նա չվախեցավ գետից, բայց վախենում էր փոթորիկից: Փոթորիկը մեծ արհավիրք է գործում այդ կուսական անտառների մեջ, մանավանդ գիշերային պահուն: Ժայռերի բարձրությունից խլում է նա ողողված, մերկարմատ ծառերը և նետում է ճանապարհի վրա: Ծառերի հետ փուլ են գալիս և քարերի ահագին բեկորներ: Ամեն մի ճանապարհորդ կանհետանար այդ փլատակների տակ, եթե դժբախտություն ունենար հանդիպելու:
Կրկին լսելի եղավ որոտման ահեղ դղրդյունը և նրա հետ անձրևի խոշոր կաթիլները սկսեցին մաղվել երկնքից: Քամին մռնչում էր և անձրևային տարափը, կարկուտի գնդակների նման, զարկում էր նրա բորբոքված երեսին: Բայց նա ոչինչ չէր զգում: Նրա միտքը, նրա զգացմունքները լարված էին դեպի մի նպատակ, որ կլանել էր նրա ամբողջ գոյությունը, որ ամենայն եռանդով առաջ էր մղում նրան որպես մի մարմնացած փութաջանություն: Նա շտապում էր մի քանի ժամ առաջ տեղ հասնել, քան կհասներ սև ձիավորը:
Բայց ձին դժվարությամբ էր հետևում նրան: Այժմ միայն նկատեց, որ ետևի ոտքից կաղում էր նա: Անշուշտ գետի հոսանքի հետ տարվող կոճղներից մեկը դիպչելով, վնասել էր նրան: Այդ դեպքը սաստիկ վրդովեցրեց անվեհեր ուղևորին: Նա շտապում էր: Իսկ այժմ զրկվեցավ յուր սրընթաց երիվարից: Ի՞նչ պետք էր անել: Թողնե՞լ նրան և այնպես ոտքով շարունակել ճանապարհը: Բայց ինչպե՞ս թողնել այն սիրելի նժույգին, որը այնքան տարիներ թե՜ պատերազմի դաշտում, թե՜ յուր ճանապարհորդությունների ժամանակ լավ ընկեր էր եղել նրա հետ: Մի քանի րոպե մնաց նա մտածության մեջ: Հետո թողեց մեծ ճանապարհը, բռնեց մի շավիղ, որ տանում էր դեպի Աշտիշատի վանքը:
Վանքը շատ հեռու չէր այնտեղից, մեկ. ժամից հետո հասավ նա: Դարևոր, նվիրական ծառաստանի խորքում, վաղեմի սրբազան բարձրությունների վրա, հանգչում էր Տարոնի այդ հին սրբավայրը, յուր վսեմ, մեծափառ վեհության մեջ: Պատսպարված բարձր շրջապարիսպներով և բրգաձև աշտարակներով, գիշերային մթության մեջ, ներկայանում էր նա որպես մի անմատչելի ամրոց: Կատաղի մրրիկը, քամու մռնչյունը, անձրևի տարափը չէր վրդովեցնում նրա խաղաղ բարեպաշտական նիրհը:
Շրջապարիսպներից դուրս, մի առանձին շինվածքի նեղ լուսամուտից լույս էր երևում: Ուղևորը դիմեց դեպի այն կողմը, մոտեցավ փակ դռներին: Այստեղ, դռան մի կողմում, փայտյա սյունից քարշ էր ընկած մի տախտակ, իսկ սյունի պատվանդանի մոտ դրած էր նույնպես փայտյա փոքրիկ օթակ: Ուղևորը վերառեց օթակը երեք անգամ զարկեց տախտակի վրա: Կոչնակի ձայնից լուսամուտը բացվեցավ, մեկը ներսից քնաթաթախ գլուխը դուրս մեկնեց և վերևից հարցրեց.
— Ո՞վ ես:
— Ճանապարհորդ եմ, — եղավ պատասխանը:
Վանքի պարիսպներից դուրս, այդ շինվածքը տարաժամ ճանապարհորդների, օտարականների և պանդուխտների օթևան էր: Դռնապանը բավականացավ ուղևորի պատասխանով, բաց արեց դռները և ճրագը ձեռին հայտնվեցավ սյամի վրա:
— Դու բոլորովին թրջված ես, — ասաց նա մի առանձին հոգատարությամբ, — ներս համեցիր, ես իսկույն կրակ կվառեմ, քո հագուստը չորացրու:
— Շա՛տ շնորհակալ եմ քո բարեսրտության համար, — պատասխանեց ուղևորը, — բայց ես կխնդրեի քեզանից ընդունել ձեզ մոտ, որպես հյուր, իմ ձիուն միայն:
— Ինչո՞ւ քո ձիուն միայն, — հարցրեց դռնապանը զարմանալով:
— Նա կաղում է, վնասել է ոտքը... իսկ ես պետք է շարունակեմ իմ ճանապարհը:
— Գոնե ներս մտիր, մի փոքր տաքացիր, ես իսկույն կրակ կվառեմ:
— Չեմ կարող... ես շտապում եմ... — պատասխանեց ուղևորը և մոտեցավ ճրագին:
Նա ծոցից հանեց յուր սանդրը, որ կիսալուսնի ձև ուներ... շինված էր գոմեշի եղջյուրից, և ցույց տալով դռնապանին, ասաց.
— Ճանաչի՜ր այդ սանդրը, մի կողմի երկու ատամները կոտրած են. եթե ես չվերադարձա, ով որ քեզ ցույց տալու լինի, ձին նրան կհանձնես:
— Իսկ դու ո՞վ ես, — հարցրեց դռնապանը, փոքր-ինչ կասկածելով:
— Ես զինվոր եմ... — պատասխանեց ուղևորը:
Դռնապանը բավականացավ ուղևորի անորոշ պատասխանով, որովհետև այդ տագնապալի ժամանակներում զինվորի հետ շատ հեռուն գնալ` փոքր-ինչ դժվար էր:
Ուղևորը բաց արեց ձիու թամբին կապած ճանապարհորդական թեթև խուրջինը, ձգեց յուր ուսին և, «բարի գիշեր» ասելով, հեռացավ:
Դռնապանը, ճրագը ձեռին, դեռ կանգնած սյամի վրա, ապշությամբ նայում էր նրա ետևից, մինչև անհետացավ գիշերային խավարի մեջ: Քամու մռնչյունը խլացրեց նրա վերջին քայլերի ձայնը:
Հեռանալով վանքից, ուղևորը բռնեց այն ճանապարհը, որ տանում էր դեպի Ողական ամրոցը:
Բ. Տարոնի առավոտը
Փոթորկային գիշերին հաջորդեց գարնանային խաղաղ, հովասուն առավոտը: Ողական ամրոցը շրջապատող ծառազարդ բլուրները մխում էին ձյունի պես ճերմակ գոլորշիներով: Սար ու ձոր, դար ու դաշտ պատած էր անթափանցիկ մառախուղով: Օդի մեջ լողացող ջրային շիթերը, արեգակի առաջին ճառագայթներից, վառվում էին միլիոնավոր ոսկյա հուլունքների նման: Ծառերի տերևները, խոտերի ծղոտները, հովիտների նախշուն ծաղիկները, ցողված անձրևային կաթիլներով, կարծես սփռված լինեին գույնզգույն գոհարներով:
Այգ գեղեցիկ առավոտը հիշեցնում էր այն վաղեմի, հանդիսավոր առավոտներից մեկը, երբ Աստղիկը, Տարոնի դիցուհին, դուրս էր գալիս Աշտիշատի տաճարներից և, շրջապատված յուր անթառամ նաժիշտներով, իջնում էր Քարքե լեռան բարձրություններից Արածանիի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու: Այդ միջոցին հայոց երիտասարդ դյուցազունները թաքչում էին Աշտիշատի դիցանվեր անտառի մթին ծառաստանի մեջ, հեռվից դիտելու գեղեցիկ աստվածուհու լոգարանը: Բայց Աստղիկը Մուշի ամբողջ դաշտը վարագուրում էր մառախլապատ մշուշով և յուր լոգարանը անտեսանելի էր կացուցանում անհամեմատ հետաքրքրությունից:
Վաղորդյան մառախուղը հետզհետե նոսրանում էր, նրբանում էր, որքան արեգակը բարձրանում էր հորիզոնի վրա: Այժմ մշուշի մրջից, որպես թափանցիկ շղարշի միջից, սկսվեցան նկարվիլ հեռավոր պատկերները: Երևում էր Սիմ լեռան կանաչազարդ շղթան, մեղմ ալիքներով և ձյունապատ գագաթներով, որոնք արևի ճառագայթների առջև փայլում էին վարդագույն ներկով: Իսկ ավելի հեռու, դեպի Կրկուռ և Նեմրութ լեռների կողմերը, մանիշակագույն ժապավենի նման, երևում էր Բզնունյաց ծովակի միայն նեղ շերտը: Երևում էին Քարքե լեռան բարձրությունները իրանց մթին ծմակներով և մռայլ անտառներով, որոնք իրանց անմատչելի թավուտների մեջ սնուցանում էին մի մռայլ ժողովուրդ: Հիշյալ լեռների հսկայական շրջանակի մեջ, որպես մի սքանչելի պատկեր, երևում էր Մուշի ընդարձակ դաշտավայրը, հարթ, հավասար, իբրև մի լայնածավալ, նախշուն գորգ: Այդ կանաչազարդ գորգի վրա սփռված էին Տարոնի բազմաթիվ գյուղերը, ավանները, հոյակապ քաղաքները: Ահա՜ Մուշը խորին պատկառանքով բազմած է Տավրոսի լանջաց վրա: Ահա՜ Մեղտի գետի օձապտույտ ափերի մոտ երևում են Օձ քաղաքի բարձր աշտարակները: Ահա՜ Վիշապ քաղաքը, վիշապի լայն բերանի պես բացված ահարկու դռներով: Ահա՜ Կավկավ քաղաքը... Ահա՜ սպիտակ Ձյունակերտը...
Արածանին կես է կիսում Մուշի լայնատարած դաշտավայրը: Նրա արգավանդ ափերի մոտ, բացի բնիկներից, ապրում էր մի ժողովուրդ, որ ասպնջականություն էր գտել այստեղ Գանգեսի ափերից, և հնդիկ ժողվրդի արորի խոփը փայլում էր հայոց արեգակից, և հնդիկ հերկավարի հայկական երգը հնչեցնում էր Տարոնի լուսապայծառ առավոտի լռությունը:
Արածանիի ափերի մոտ ապրում էր և մի այլ ժողովուրդ, սր հյուրասիրվել էր այստեղ Հոանգոյի ափերից, և դեղնակաշի սինեացին, բոլորովին հայկական դեմք ստանալով, մշակում էր հայոց երկիրը: Նրանց բազմաթիվ անասունները արածում էին Արածանիի շամբուտ ափերի մոտ, նրանց գեղեցիկ կանայքը քորոցներով որդան կարմիր» էին հավաքում կանաչ, ցողազարդ մարգագետիններից, որ իրանց նուրբ ձեռագործներով զարդարեն հայոց իշխանազունների ապարանքները:
Զայրացած է այս առավոտ Արածանին: Բայց նրա զայրույթը մայրական է, չէ վախեցնում հարազատ որդուն: Ահա նրա զորեղ կոհակները տանում են իրանց հետ մի ամբողջ նավատորմիղ -նախնական մարդու նավատորմիղը: Բարեկամները ափերի մոտ կանգնած հաջողություն» են բարեմաղթում: Նավորդները գետի միջից մնաք բարյավ» են ասում: Եվ թեթև մաշկապատ նավակների խումբը, բեռնավորված հայոց երկրի բարիքներով, լողում է դեպի հեռավոր աշխարհ, դեպի Բաբելոն: Նավորդների երգը, նրանց ուրախաձայն աղաղակները, միախառնվելով գետի խուլ որոտման հետ, թնդեցնում են շրջակայքի խորին անդորրությունը:
Մուշի դաշտավայրը, չորեքկողմից շրջապատված լինելով բարձր լեռներով, այդ բնական ամրությունները, հսկայական շրջապարիսպի նման, պաշտպանում էին երկիրը թշնամու հարձակմունքներից: Բացի բնական ամրություններից, նույն լեռների բարձրավանդակների վրա դրած էին Տարոնի իշխանների անմատչելի բերդերը և նրանց ահռելի ամրոցները, որպիսիք էին` Եղնուտը, Մեծամոր ամրոցը, Աստղաբերդը, Այծից բերդը և Ողականը:
Աշտիշատի վանքից շատ հեռու չէր Ողական ամրոցը, նա կանգնած էր Քարքե լեռան ապառաժների վրա և խրոխտ, վեհապանծ դեմքով նայում էր դեպի յուր ստորոտով հոսող Արածանին: Զանազան գաղտնի անցքեր, ստորերկրյա ճանապարհներով, իջնում էին ամրոցի բարձրությունից կամ դեպի գետը, պաշարման ժամանակ ջուր ստանալու համար, և կամ տանում էին դեպի անտառի խորքերը, դրսի հետ գաղտնի հաղորդակցություն ունենալու համար: Այդ անցքերի մուտքերը հայտնի էին միայն ամրոցի տերերին: Ամրոցի բարձր շրջապարիսպը, ահագին բուրգերը, բարձր աշտարակները դարերով մարտնչում էին բնության արհավիրքի և թշնամու հարձակման դեմ, և միշտ մնում էին անպարտելի: Նա հովանավորված էր հին, հսկա կաղնիներով, որոնց վերամբարձ կատարները մրցում էին ամպերի հետ:
Այդ ամրոցը ամենահին ժամանակներում, Քրիստոսից շատ դարեր առաջ, պատկանում էր Սլկունյաց իշխաններին, որոնք Տարոնի նախկին տերերն էին: Իսկ Վաղարշակ Ա ի օրերում, Քրիստոսից 150 տարի առաջ, Սլկունիները ավելի նշանակություն ստացան, որովհետև Վաղարշակը, հայոց բոլոր նախարարությունները կարգի դնելով, Սլկոլնիների քաջ և որսորդության մեջ հաջողակ իշխաններին ևս նախարարությանց կարգն անցուց և նրանց հանձնեց արքունի որսորդության գլխավորությունը: Բայց Տրդատի օրերում, 320 թվին Քրիստոսից հետո, Սլկունիները ապստամբվեցան թագավորի դեմ: Տրդատը խոստացավ, թե Սլկունիների ամբողջ ժառանգությունը, Տարոնը, նրան կնվիրե, եթե մեկը կձերբակալե ապստամբ Սլուկին: Ճենացի Մամգուն իշխանր հանձն առեց կատարել թագավորի ցանկությունը և դավաճանությամբ սպանեց Սլուկին: Նրա բոլոր տոհմը սրի ճարակ եղավ Ողական ամրոցի մեջ: Իսկ Մամգունը այդ ծառայության համար ստացավ, որպես ժառանգություն, թե՜ Ողական ամրոցը և թե՜ Տարոնը: Մամդունից առաջ եկավ Մամիկոնյան մեծ նախարարությունը, որոնք որդոց որդի ժառանգեցին Տարոնը:
Այս առավոտ, դեռ լույսը չծագած, երկու անձինք մուտք գործեցին Ողական ամրոցում: Մեկը առջևի մեծ դռնից, մյուսը անտառի մեջ թաքնված գաղտնի անցքից: Առաջինը սև ձիավորն էր, իսկ երկրորդը կապուտակ ձիավորը:
Գ. Գուժկան
Ողական ամրոցի սենյակներից մեկի մեջ, թանկագին գորգով պատած գահավորակի վրա, որի երեք կողմը դրած էին շքեղ կերպասներով պատած բարձեր, նստած էր մի երիտասարդ: Նա, ինչպես երևում էր նրա քնեած դեմքից, դեռ նոր էր դուրս եկել յուր քնարանից և դուրս էր եկել յուր զարթնելու ժամից շատ վաղ: Ոչ հագնվել էր, ոչ լվացվել էր և ոչ սանդրվել էր: Մի լայն, ասրյա նուրբ վերարկուի մեջ սփածված էր նա, և բաց գլխի երկար գիսակները, գագաթից իջնելով, մեղմ ալիքներով սփռվել էին թիկունքի վրա, և երբեմն սքողում էին նրա գեղեցիկ, գունաթափ դեմքը: Նրա անհանգիստ մատները անդադար ոլորում էին` փոքր-ինչ ուռած, կարմրագույն շրթունքի նորաբույս ընչացքը, թեև ոլորելու շատ պաշար չէին գտնում: Այդ ցույց էր տալիս սրտի խորին խռովությունը: Իսկ սևորակ, նշաձև աչքերի մեջ նշմարվում էր մի անբացատրելի վրդովմունք: Քսանևհինգ տարեկան հազիվ կլիներ նա, նուրբ կազմվածքով և փոքր-ինչ մույգ-դեղնագույն դեմքով, որ պահպանվել էր նրա մեջ ժառանգական արյունից:
Երիտասարդը Վահան Մամիկոնյանի որդի Սամվելն էր:
Սենյակը, որտեղ նստած էր նա, ներկայացնում էր նրա ընդունարանը: Հատակը պատած էր նախշուն, բրդեղեն օթոցներով. անկյուններում դրած էին` զանազան ձևով, ծանր և թեթև նիզակներ, տեգեր, գեղարդներ, ջիդաներ, աշտեներ և երկաթյե ահագին լախտեր, բոլորը գեղեցիկ քանդակներով զարդարած, բոլորը ոսկեհուռ դրվագներով ագուցած: Իսկ սենյակի այն ճակատի վրա, որ կողմը դրած էր նրա գահավորակը, պատի վրա մեխած էր մի լայն վագրի մորթի: Այդ գազանին նա ինքն էր սպանել որսորդության ժամանակ, երբ դեռ տասնևութ տարեկան էր: Նրա վրայից քարշ էին ընկած զանազան զենքեր, կապարճ` լի նետերով, աղեղ` լայնալիճ, տապարներ` երկաթյա երկար կոթով, թեթև վահան` ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, ծանր ասպար` պողպատից շինված և խոշոր կոճակների նման բևեռներով գամված, սաղավարտներ` կամ տեգի պես սուր կատարներով և կամ մազե ցցունքներով, զրահ` երկաթյա մանր օղակներից գործված, պղնձյա հաստ լանջապան, որի մեջտեղում բարձրաքանդակ դիրքով դուրս էր նայում մի գալարված վիշապ, զանազան թրեր, դաշույններ, վաղրներ` երկար և կարճ, ուղիղ և կեռ, միասայրի և երկսայրի, որոնց պատյանները պատած էին ոսկով ու արծաթով, որոնց կոթերը զարդարած էին ականակուռ գոհարներով, և որոնցից շատերը երկաթահատ էին ու դեղած:
Այդ սենյակը ավելի զինարանի նմանություն ուներ, քան թե ընդունարանի: Երիտասարդ իշխանը սիրում էր իրան շրջապատել այն առարկաներով, որ յուր սրտին շատ մոտ էին: Միակ առարկաները, որ հիշեցնում էին, թե դա և հյուրանոց էր, էին մի քանի փառավոր բազմոցներ, որ դրած էին պատերի մոտ, պատվավոր հյուրերի համար:
Սենյակի դռները ներսից փակած էին և լուսամուտների ծիրանեգույն վարագույրները, զարդարած ծանր, ոսկեթել ծոպերով, ցած էին թողած: Մի դուռ միայն բաց էր մնացել, որ տանում էր դեպի քնարանը: Այդ դռան մոտ կանգնած էր մի տղամարդ, երկու ձեռքերը յուր դաշույնի կոթի վրա դրած: Նա հագած ուներ սուրհանդակի թեթև զգեստ. մի կարճ մուշտակ, որի մորթեղեն կողմը դեպի ներս, իսկ մաշկեղենը դեպի դուրս էր թողած. մեջքը պնդած էր կաշյա լայն գոտիով, որ պատել էր կուրծքի մի մասը` մինչև փորի ստորին մասները, որպեսզի ձիու սրարշավ ցնցումներից փորոտիքը չխախտվեին: Կաշյա նեղ վարտիքը` սրունքների վրա` ամրացրած էր նույնպես կաշյա զանկապաններով: Ոտներին հագած ուներ մազե թանձր տրեխներ, նույնպես մազե տակերով: Գլխին դրած ուներ թաղիքյա բոլորակ գլխարկ, որի վրայի կերպասյա փաթոթի ծայրերը ծածկում էին մերկ պարանոցը և ծածանվում էին լայն թիկունքի վրա: Նրա տարիքը դեռ չէին անցել երեսունուհնգից, բայց կարճ գանգրահեր մորուքի մեջ արդեն նկատվում էին սպիտակ մազեր: Բնականից թուխ դեմքը ավելի մռայլ գույն էր ստացել եղանակների խստությունից և երկար ժամանակ արևի տակ այրվելուց: Բայց այդ այրական դեմքի մռայլ արտահայտությունը մեղմանում էր, պայծառանում էր երկու լուսափայլ աչքերով:
— Ուրեմն քեզ նամակ չտվի՞ն, Սուրեն, — ասաց իշխանը, շարունակելով ընդհատված հարցուփորձը:
— Չտվին, տեր իմ, — պատասխանեց սուրհանդակը, — զգուշացան, որ նամակը կարող էր բռնվել ճանապարհին: Իսկ ես հազիվ կարողացա հասցնել ինձ իմ տիրոջ մոտ, որպես կենդանի նամակ: Ամեն ինչ պատմեցի ձեզ, դուք այժմ դիտեք բոլորը...
— Բայց դու լավ չբացատրեցիր ինձ, Սուրեն, — հարցրեց իշխանը խռովված ձայնով, — թե ի՞նչը հրապուրեց իմ հորը ուրանալ յուր կրոնը և հանձն առնել մի այդպիսի ամոթալի գործ... Մի՞թե Մերուժան չարագործը խելքից հանեց նրան... Ես Արծրունիներին ճանաչում եմ... նրանք իմ քեռիներն են... փառքի, իշխանության և պատվի համար ամեն սրբություն կվաճառեն նրանք... Բայց իմ հա՛յրը... այդպես չէր իմ հայրը... մի՞թե նա էլ խաբվեցավ...
Վերջին խոսքերի միջոցին երիտասարդի ձայնը սկսեց դողալ, ձեռքը տարավ դեպի ճակատը, գլուխը խոնարհեցրեց և մի քանի րոպե մնաց տխուր մտախոհության մեջ: Սուրենը խորին ցավակցությամբ նայում էր նրա վրա: Երբ կրկին գլուխը վեր բարձրացրեց նա, Սուրենը պատասխանեց.
— Չխաբվեցավ, տեր իմ: Այլ այն օրից, որ ձեր հորեղբորը բերեցին Տիզբոն, և այն օրից, որ Շապուհ արքան այնպիսի չարաչար մահով սպանել տվեց ձեր հորեղբորը, — ձեր հայրը հետամուտ եղավ ստանալ հայոց սպարապետությունը. Շապուհը տվեց նրան այդ, և ձեր հայրը կատարեց Շապուհի կամքը...
— Այժմ հասկանում եմ... — խոսեց երիտասարդը ինքն իրան: Պատմի՜ր, Սուրեն, ինչպես եղավ իմ հորեղբոր մահը:
Սուրհանդակը դժվարանում էր պատմել քաջ հերոսի մահը, որի թիկնապահներից մեկն էր եղել ինքը, որի կռիվների մեջ այնքան երկար տարիներ մասնակցել էր ինքը: Բայց երբ երիտասարդը կրկին թախանձեց նրան, պատմեց.
— Ձեզ հայտնի է, տեր իմ, թե որպիսի՜ խաբեությամբ Շապուհ արքան մեր Արշակ թագավորին և ձեր հորեղբորը հրավիրեց Տիզբոն: Թագավորին երկաթյա շղթաներով աքսորեց Խուժիստանի Անհուշ բերդը: — Այդ ես պատմեցի ձեզ: — Հետո բերել տվեց ձեր հորեղբորը դատելու: Այն օրը Շապուհի դիվանի ամբողջ հրապարակը լի էր բազմությամբ: Ներկա էի և ես: Երբ կանգնեցրին ձեր հորեղբորը դիվանի առջև, երբ Շապուհը նայեց նրա վրա և, տեսնելով անձով փոքրիկ, արհամարհանքով հարցրեց, — «Դո՞ւ էիր, որ այդքան տարի կոտորում էիր արիներին (պարսիկներին), դո՞ւ էիր, որ այդքան ժամանակ անհանգստացնում էիր մեզ»: Ձեր հորեղբայրը համարձակությամբ պատասխանեց, —«Այո՜, ես էի, արքա»: — «Աղվե՛ս, — ասաց Շապուհը զայրանալով, — աղվեսի մահով սպանել կտամ քեզ»: Ձեր հորեղբայրը այսպես պատասխանեց արքայի սպառնալիքին. «Այժմ դու տեսնելով ինձ անձով փոքրիկ, արհամարհում ես. մի՞թե այդքան ժամանակ չհասկացար իմ մեծության չափը: Մինչև այսօր ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ աղվե՞ս: Լսի՜ր, արքա, ես այն Վասակն եմ, որ մի հսկա էի, մեկ ոտս մեկ լեռան վրա էր դրած, մյուս ոտս մի այլ լեռան վրա. երբ աջ ոտիս վրա էի հենվում, աջակողմյան լեռը գետնի տակն էի տանում, իսկ երբ ձախ ոտիս վրա էի հենվում, ձախակողմյան լեռը գետնի տակն էի տանում: Շապուհը հարցրեց, — «Ասա ինձ, որոնք են այն երկու լեռները, որ դու գետնի տակն էիր տանում»: Նա պատասխանեց. — «Երկու լեռներից մեկը դու էիր. մյուսը հունաց թագավորը: Քանի որ հայոց նախարարների մեջ միաբանություն կար, քանի որ նրանք կապված էին իրանց թագավորի հետ, և քանի որ մենք պահում էինք մեր հայր Ներսեսի խրատները, — այնքան ժամանակ աստված մեզ հետ էր, և մենք կարողանում էինք խրատել մեր աշխարհի թշնամիներին, որոնց թվում և քե՛զ, արքա: Բայց երբ մեր նախարարների երկպառակությունը մատնեց մեր թագավորին քո ձեռքը, այն օրից մենք ինքներս մեր կործանումը պատրաստեցինք... Այժմ, ինչ որ կամենում ես, արա՜, ես պատրաստ եմ, արքա»: Հրապարակի վրա հավաքված ամբողջ. բազմությունը զարմանում էր ձեր հորեղբոր համարձակության վրա, զարմացավ և ինքը Շապուհ արքան և գովեց նրա քաջությունը: Բայց հետո հրամայեց մորթել նրան, կաշին տիկ հանել, լցնել խոտով և տանել Անհուշ բերդը: Այնտեղ դրված է նա, իբրև նախատինք, շղթայակապ Արշակ թագավորի աչքի առջև, և դժբախտ թագավորի աչքից արտասուքը չէ պակասում, քանի որ նայում է յուր քաջ, հավատարիմ սպարապետի վրա:
Երիտասարդը, լսելով ցավալի պատմությունը, թաշկինակը տարավ դեպի լճացած աչքերը և ծածկեց յուր արտասուքը:
— Հերո՛սը հերոսի նման մեռավ, — բացագանչեց նա: — նրա որդին, Մուշեղը, կարող է պարծենալ հոր մահվամբ: Բայց ե՛ս, ես ինչո՞վ կարող եմ պարծենալ... ես պետք է հավիտենական նախատինքի տակ մնամ... Իմ հայերը յուր եղբոր սպարապետությունը ստանալու համար դառնում է նրան սպանել տվող Շապուհի ձեռքում մի անարգ գործիք... և այժմ պարսից զորքով գալիս է ողողելու Հայաստանը արյունով... Թշվա՛ռ եմ ես, թշվա՛ռ... ինչո՞վ պետք է քավեմ այդ նախատինքը...
Արեգակի առաջին ճառագայթները, ընկնելով ծիրանեգույն վարագույրների վրա, լցրին սենյակը ծիրանեգույն լուսով: Երիտասարդը սոսկալով նկատեց, որ օրը լուսացել էր: Նա դարձավ դեպի սուրհանդակը, ասելով.
— Շնորհակալ եմ, Սուրեն, ես քո ծառայությունը չեմ մոռանա: Այժմ կարող ես գնալ, քանի որ ամրոցում դեռ քնած են: Երբ հարկավոր լինես, կրկին կկանչեմ քեզ: — Սուրենը. մինչև հատակը խոնարհվելով, գլուխ տվեց:
— Դու, իհարկե, ձեր տա՞նը կմնաս, — հարցրեց երիտասարդը:
— Ոչ, տեր իմ, ես երդվել եմ իմ կնոջ, իմ զավակների երեսը չտեսնել, մինչև...
Նա չավարտեց խոսքը, բայց երիտասարդը հասկացավ, թե ինչ էր կամենում ասել: Բարի և քաջ զինվո՛ր. ամբողջ հինգ տարի հայրենիքից տարակա էր նա, ծառայում էր Պարսկաստանի հայկական հեծելազորքի մեջ, մասնակցել էր շատ արշավանքների քուշանաց դեմ, իսկ այժմ վերադարձել էր յուր հայրենիքը: Նրա հայրենի ավանը, Խորնին, շատ հեռու չէր Ողական ամրոցից, նա չէր ցանկանում յուր տնակը տեսնել, որովհետև նրան զբաղեցնում էր մի գործ, որ ավելի մոտ էր նրա սրտին, քան թե կինը, որդին, բարեկամը...
— Ուրեմն դու որտե՞ղ կմնաս:
Աշտիշատի վանքում, — պատասխանեց նա, — այնտեղ չեն ճանաչի ինձ, կմնամ, որպես մի օտարական: Ես իմ ձին այնտեղ եմ պահ տվել:
Երիտասարդը ցած իջավ գահավորակի վրայից և, ավելի պինդ փաթաթվելով յուր լայն վերարկուի մեջ, անցավ քնարանը: Սուրենը հետևեց նրան: Նա մոտեցավ յուր մահճակալին և ձեռքով մի կողմ ծալեց մահճակալի առջև փռած գորգը: Հետո մատը սեղմեց երկաթյա հազիվ նշմարվող զսպանակի վրա, իսկույն հատակի տախտակամածը բարձրացավ, և հայտնվեցավ մի քառակուսի ծակ:
— Դու ծանո՞թ ես այս անցքի հետ, — դարձավ նա դեպի Սուրենը:
— Ի՞նչպես ծանոթ չլինել, տեր իմ, — պատասխանեց Սուրենը մի առանձին զգացմունքով, — այդ սենյակը հանգուցյալ սպարապետի քնարանն էր. ես դեռ պատանի էի, իմ երեսին մի մազի հետք անգամ չկար, երբ այդ սենյակի հատակը ավելում էի...
Սուրենը մանկությունից սնվել, մեծացել էր այդ ամրոցում: Մամիկոնյանների գյուղացին լինելով, իբրև մի շնորհալի և մաքուր տղա, նրան բերեցին ամրոցը: Երբ բավական վարժվեցավ, սենեկապետի պաշտոն էր կատարում:
Երիտասարդը պատուհանից վեր առեց պողովատի կայծհանը, կայծքարը և աբեթը, զարկեց միմյանց, կայծերը ցայտեցին, աբեթը վառվեցավ, նրանով վառեց ծծումբի լուցկին, իսկ վերջինով վառեց մոմպատի կծիկը և տվեց Սուրենի ձեռքը, ասելով.
— Դե՜, անցի՜ր:
Սուրենը կրկին անգամ լռությամբ գլուխ տվեց և, յուր սովորության համեմատ, երեսը խաչակնքեց, հետո ցած իջավ քառակուսի նեղ ծակից, որտեղից մի մարդ հազիվ կարող էր անցնել: Երիտասարդը ցած թողեց տախտակյա փոքրիկ դռնակը և անցքը ծածկեց գորգով:
Այդ ամրոցի հատակի տակ կային բազմաթիվ ստորերկրյա անցքեր, որոնք, ցանցատեսակ լաբյուրինթոսի նման, տանում էին դեպի զանազան կողմեր: Գլխավոր սենյակները, որոնց մեջ բնակվում էին ամրոցի տերերը, ունեին իրանց առանձին գաղտնի անցքերը, որոնք հատակի խորքերում միանում էին և այդպիսով պահպանում էին հաղորդակցություն թե՜ միմյանց մեջ և թե՜ դրսի հետ:
Դ. Մի աղոտ միտք ծագում է նրա մեջ
Սամվելը կրկին մտավ յուր ընդունարանը:
Այս առավոտ այդ կոկիկ, ընդարձակ սենյակը, կարծես, խեղդում էր նրան: Նա մոտեցավ լուսամուտին, ետ քաշեց ծանր կերպասյա վարագույրը և բաց արեց փեղկերից մեկը, որ փոքր-ինչ թարմ օդ ներս թողնե: Հետո բաց արեց դռները սպասավորի համար: Սպասավորի փոխարեն ներս մտավ նրա գեղեցիկ, ոսկեգույն բարակը: Այդ խելացի անասունը, կարծես, նախասենյակում սպասում էր դռների բացվելուն: Նա այն աստիճան քնքուշ և նրբակազմ էր, որ դրսից կարելի էր բոլոր կողքերը համբարել: Երկար պարանոցի վրա կրում էր արծաթյա օղամանյակ: Սա մոտեցավ և կանգնելով ետևի թաթիկների վրա, առջևի թաթիկները բարձրացրեց, դրեց յուր տիրոջ կուրծքի վրա, և մի առանձին քաղցրությամբ նայում էր նրա երեսին, աշխատելով գուշակել, թե ինչո՞ւ էր նա այնքան տխուր: Երիտասարդը ձեռքով փայփայեց նրա սիրուն գլուխը, երկար ականջները, նուրբ դունչը, և բարակը մխիթարվելով այդ փաղաքշանքից, ցած թողեց թաթիկները, հեռացավ սենյակի մի անկյունում և այնտեղ պառկեց, չդադարելով յուր հեզ աչքերով հետևել, թե ո՜րպես յուր սիրելի տերը` դանդաղ. անհավասար քայլերով շարունակում էր անցուդարձ անել սենյակի մեջ:
Նրա սիրտը ալեկոծության մեջ էր. երիտասարդական ջերմ արյունը եփ էր գալիս նրա մեջ: Որքան մտածում էր գալոց աղետների մասին, այնքան չարիքը յուր բոլոր զարհուրանքներով մեծանում էր նրա աչքում: Հայաստանը մնացել էր բոլորովին անտեր և անպաշտպան: Հայոց Արշակ թագավորը, երկաթի շղթաների մեջ, հեծում էր Խուժիստանի Անհուշ բերդում: Հայոց թագաժառանգը, Պապը, յուր կնոջ` Զարմանդուխտի և երկու որդիների` Արշակի և Վաղարշակի հետ, պահված էին Կ. Պոլսում: Թագավորին աքսորել էր պարսից Շապուհ արքան, իսկ թագաժառանգին կալանավորել էր հունաց Վազես կայսրը: Հայաստանի քահանայապետը, հայրենիքի հզոր պաշտպան, Ներսես Մեծը, նույն կայսրի հրամանով աքսորված էր Պատմոս անբնակ կղզում: Հայաստանը մնացել էր անտեր: Նրա երկու պաշտպանները — թագավորը և քահանայապետը — չկային: Հունաց կայսրը մեկ կողմից, պարսից արքան մյուս կողմից, երկու անհագ վիշապների նման, բերանները բաց արած, մաքառում էին միմյանց հետ, թե ո՞րը ավելի շուտ կկլանե անտեր մնացած երկիրը...
Այդ ցավալի մտածություններն էին, որ ալեկոծում էին երիտասարդի սիրտը և նա սոսկալով տեսնում էր յուր հայրենիքի մեծ տագնապը, նրա մոտալուտ օրհասը...
Մյուս կողմից, տեսնում էր նա հայոց նախարարների մեջ երկպառակություն. ոմանք ցանկանում էին ընդունել հունաց գերիշխանությունը և հարկատու լինել հույներին, իսկ ոմանք ցանկանում էին ընդունել պարսից գերիշխանությունը և հարկատու լինել պարսիկներին: Հայրենիքի անկախությունը սիրող և նրա ինքնակայությանը նվիրված նախարարները տառապում էին անհնարին հուսահատության մեջ, թե ի՞նչ միջոցով ազատեն հայրենիքը անդառնալի կորուստից: Չկար մեկը, որ նրանց մեջ համաձայնություն կայացներ: Չկար թագավորը, չկար քահանայապետը...
Կային դավաճաններ: Եվ այդ դավաճանները հայոց երկու ամենահզոր նախարարությունների ներկայացուցիչներն էին — Վահան Մամիկոնյանը և Մերուժան Արծրունին: Մեկը երիտասարդի հայրն էր, մյուսը երիտասարդի մորեղբայրն էր... Երկուսն էլ ուրացել էին քրիստոնեությունը, երկուսն էլ ընդունել էին պարսից կրոնը և Շապուհ արքայի ձեռքում դարձել էին մի սոսկալի զենք, ոչնչացնելու ամեն ինչ, որ սուրբ էր, որ նվիրական էր Հայաստանում...
Այդ սարսափեցնում էր երիտասարդին և միևնույն ժամանակ նրա սիրտը լցնում էր մի անբացատրելի կատաղությամբ: — «Մոգերով ու մոգպետներով է գալիս իմ հայրը» — մտածում էր նա խորին դառնությամբ, — «և յուր հետ բերում է, որպես օգնական, պարսից զորությունը... գալիս է ոչնչացնելու մեր եկեղեցիները, մեր դպրոցները, մեր դպրությունը... գալիս է պարսկացնելու մեզ... նա գալիս է ձեռք ձեռքի տված Մերուժանի հետ... Թագավորությունը սպանեցին, այժմ պետք է սպանեն ազգությունը, կրոնը... Մենք այսուհետև պետք է պարսկերեն խոսենք և պարսկերեն աղոթենք... Եվ իմ հայրը մի այդպիսի եղեռնագործության պետք է մասնակից լինի, հավիտենական նզովք դնելով Մամիկոնյանների տոհմի վրա... »:
Նրա վարդագույն շրթունքները բոլորովին գունաթափվեցան, ծնկները դողացին, աչքերի առջև մթնեց և հազիվհազ կարողացավ իրան հասցնել գահավորակի վրա և ծանրացած գլուխը բաց թողնել բարձերի վրա: Երկար նա, երկու ձեռքով գլուխը բռնած, գտնվում էր մի տեսակ տենդային շփոթության, մի տեսակ հիվանդոտ այլայլության մեջ: Մթին մառախուղի նման` անորոշ մտքեր պտտվում էին նրա բորբոքված երևակայության մեջ: Հանկարծ ցնցվեցավ նա և կրկին վեր թռավ պառկած տեղից, ինքն իրան խոսելով.
«Մամիկոնյանը ծնում է դավաճաններ... Մամիկոնյանը ծնում է և հերոսներ... Երբ իմ հորեղբայր Վարդանը արքայազն Տիրիթի հետ ապստամբվեցան մեր Արշակ թագավորի դեմ և դիմեցին պարսից Շապուհ արքային, դարձյալ իմ հորեղբայր Վասակն էր, որ գնաց նրանց ետևից և, ճանապարհին բռնելով, սպանեց թ՜ե Տիրիթին, և թ՜ե յուր եղբորը... նրա ձեռքը չդողաց թափել յուր հարազատի արյունը, որ դավաճանում էր յուր թագավորին և յուր հայրենիքին... Իսկ ե՞ս... »:
Վերջին խոսքը արտասանելու միջոցին, կարծես, նրա շրթունքները կրակով այրեցին, նա չկարողացավ վերջացնել, կրկին ընկավ գահավորակի վրա և, աչքերը բռնելով, սկսեց դառն կերպով հեկեկալ: — «Ա՛խ, հայր իմ... ա՛խ, հայր իմ... » — կրկնում էր նա և արտասուքը հեղեղի նման թափվում էր աչքերից:
Նա սիրում էր յուր հորը, սիրում էր որդիական ջերմ, անկեղծ՜ սիրով: Բայց սիրում էր և յուր հայրենիքը: Նրա կրթությունը այնպիսի անձանց խնամքով էր կատարվել, որ պատրաստել էին նրանից մի անձնվեր որդի` նախ հայրենիքի և ապա ծնողաց:
Ընդունարանի դուռը բացվեցավ, ուշիկ քայլերով ներս մտավ մի պատանի, նայեց երիտասարդի վրա և, սառածի նման, կանգնած մնաց պատի մոտ:
Պատանին լավ հագնված սենեկային մանկլավիկի տպավորություն էր գործում: Ծիածանի բոլոր գույները կային նրա հագուստների վրա. գունավոր էր գլխի թեթև ապարոշը, որ թեք կերպով կապած էր թասակի վրա, ծածկում էր աջ կողմի հոնքը, իսկ ձախ կողմի հոնքը ճակատի մի մասի հետ բաց էր թողած. գունավոր էին նրա երկար, ոսկյա գանգուրները, որ սփռված էին ուսերի վրա. գունավոր էր բեհեզյա գոտին, որ խորշավոր փաթոթներով մի քանի անգամ բարակ մեջքից անցնելուց հետո, անփույթ վերջավորություններով ծածանվում էր ծնկների վրա. գունավոր էր նրա բաճկոնակը, կուրտիկը, վարտիքը, որ մանր ծալքերով իջնում էր մինչև ծնկները և այնտեղ կապված էր նույնպես գունավոր սռնապաններով և յուր ծալքերի շարունակությամբ ծածկում էր սռնապանները, իջնելով մինչև սրունքները: Գունավոր էին և նրա նախշուն տրեխները, որ պատրաստված էին գույնզգույն մետաքսյա թելերից, և կատվի թաթիկների նման, ոտքերը գետնին դնելու ժամանակ ձայն չէին հանում: Ձախ ականջին կրում էր արծաթյա օղակ. դա արդեն նշան էր, որ նա իշխանական սենյակի սպասավոր է:
Նա դեռ ապշած նայում էր յուր տիրոջ վրա: Նրա գեղեցիկ, խաժ աչքերը արտահայտում էին և՜ զարմանք, և՜ հեգնություն: Զարմանում էր, թե ի՞նչ էր պատահել, որ նա այնպես շուտ էր զարթնել և, առանց լվացվելու, առանց հագնվելու, դուրս էր եկել քնարանից: Նա երբեք սովորություն չուներ այդքան վաղ վեր կենալու յուր անկողնից: Յուր մտքում ծիծաղում էր, թե յուր միշտ ուրախ, միշտ զվարթ տերը անպատճառ մի «փորացավ» կունենար, որ այդպես տխուր էր, և, սգավորի նման, ընկած էր երեսի վրա, գլուխը չէր բարձրացնում: Այդ բոլորը բացատրում էր նա յուր տեսակետից:
Երբ նկատեց, որ յուր վրա ուշադրություն չեն դարձնում, և յուր ներկայությունը զգալ տալու խորամանկությամբ, կամաց մոտեցավ բարակին և նրա ոտքը պինդ կոխեց: Շունը մի օտարոտի հառաչանք արձակեց, որ նշան էր սաստիկ վիրավորանքի: Իշխանը գլուխը վեր բարձրացրեց, նայեց դեպի այդ կողմը:
— Հուսիկ, այդ դո՞ւ ես:
— Այո՜, տեր իմ, — պատասխանեց սպասավորը, գլուխ տալով:
Ժամանակի սովորության համեմատ, սպասավորը ամեն ծառայության համար պետք է յուր տիրոջ աչքին երևնար միայն. նա համարձակություն չուներ յուր կողմից առաջարկություններ անելու, այլ պետք է լուռ սպասեր տիրոջ հրամանին: Այժմ նրա լվացվելու և հագնվելու ժամանակն էր: Սպասում էր, արդյոք յուր տերը կբարեհաճե՞ր ջուր պահանջել: Այդ մասին ոչինչ պատվեր չստացավ պատանին, մտածեց փարատել իշխանի տխրությունը:
— Գիտե՞ք տեր իմ, այս գիշեր ի՜նչ է պատահել ամրոցում, — ասաց նա խորամանկ ժպիտով:
— Ի՞նչ է պատահել, — հարցրեց իշխանը:
— Մկները Պապիկի մորուքի մի կողմը կրծոտել են:
Ամրոցի ծերունի դռնապանի մասին էր խոսքը:
— Երեկ երեկոյան, — շարունակեց պատանին, — նա օծվել էր, յուղվել էր, գնացել էր յուր փեսային տեսնելու, այնտեղից հարբած եկել ու պառկել էր, գիշերը մկները մի լավ ընթրիք էին անուշ արել նրա բարձերի վրա...
Իշխանը նայեց պատանու անհանգիստ, վառվռուն աչքերի մեջ և բարկությամբ ասաց.
— Չարաճճի, այդ անպատճառ քո գործը կլինի:
— Չէ՜, աստված է վկա:
— Իմ գլխովը երդվի՜ր:
Պատանին կարմրելով կանգ առեց:
— Տեսնո՞ւմ ես, անպիտան մյուս անգամ այդպիսի հիմարություն չանես:
Կատակը անհաջող անցավ:
— Ապա ի՞նչ անեի... — ամոթից գլուխը քարշ ձգած մրմնջաց պատանին, — այնպես հարբած եկել, քնել էր, գիշերը մարդ է մտնում ամրոցը, նա չէ զարթնում:
— Ի՞նչ մարդ, — հարցրեց իշխանը ավելի լուրջ կերպով:
— Մի սուրհանդակ. ես բաց արի նրա համար դուռը. նա ուղղակի գնաց տիկնոջ մոտ:
— Դու այդ ժամանակ արթո՞ւն էիր:
— Ես ամբողջ գիշերը չեմ քնել...
Վերջին խոսքերը արտասանելու միջոցին պատանու դեմքը ավելի կարմրեցավ:
— Երևի «նրա» սենյակի շուրջը քծնվում էիր... — հարցրեց իշխանը ավելի մեղմ ձայնով:
— Ինչպե՞ս իմ տիրոջ առջև մեղքս ծածկեմ... այդպես էր...
Պատանին սիրահարված էր իշխանի մոր աղախիններից մեկի վրա և այդ գիտեր նրա տերը: Եվ նրա վարմունքը ծերունի դռնապանի մորուքի հետ` այդ սիրահարության հետևանքներից մեկն էր, որովհետև անհամբեր ծերունին շատ անգամ արգելք էր լինում պատանու գիշերային արշավանքներին... Բայց իշխանը թողեց այդ խնդիրը և, խոսքը փոխելով, հարցրեց նրանից.
— Դու ճանաչեցի՞ր սուրհանդակին:
— Սատանայի պես:
— Ո՞վ էր:
— Պարեխեցի Ոսկանն էր. նա որ յուր կնոջը սպանեց և յուր եղբոր կինն առեց. մեծ իշխանից նամակ էր բերել:
— Նա մնա՞ց տիկնոջ մոտ:
— Ոչ, նամակը հանձնեց, բավական խոսեցին, հետո էլի մթնով դուրս գնաց: Դուռը ես բաց արի:
— Այդ մասին լեզուդ լուռ կպահես:
— Խուլ ու մունջի պես:
Այդ ուրախ, պարզամիտ պատանին ոչ սակավ անգամ վանում էր յուր տիրոջ թախծությունները նրա տխրության րոպեներում, և ոչ սակավ անգամ յուր ծիծաղաշարժ բանսարկություններով, որ սովորություն ուներ գործ դնել ամրոցի հասարակության մեջ, զվարճություն էր պատճառում նրան: Բայց այս առավոտ գոհ չմնաց յուր վարպետություններից: Նրա տերը դարձյալ տխուր էր, դարձյալ գտնվում էր մի անսովոր, մռայլ մտախոհության մեջ:
Նա սպասավորից շատ բան չիմացավ սուրհանդակի մասին, որքան ինքը գիտեր. միակ բանը, որ հետաքրքիր էր նրա համար, այդ այն էր, թե ինչո՞ւ յուր մայրը հեռացրել էր սուրհանդակին: Ամեն անգամ, երբ պատահում էր սուրհանդակ ընդունել, նա սովորաբար կմնար ամրոցում, այնքան ժամանակ, մինչև բերած նամակի պատասխանը կստանար, հետո կգնար: Իսկ այժմ ի՞նչն էր ստիպել յուր մորը թաքցնել սուրհանդակին, և թաքցնել ամրոցից տարակա մի գյուղում:
Նա դարձավ դեպի սպասավորը այս խոսքերով.
— Հուսիկ, եթե սուրհանդակը մյուս անգամ գալու լինի տիկնոջ մոտ, դու կարո՞ղ ես այդ իմանալ:
— Կարող եմ, — պատասխանեց պատանին վստահությամբ:
— Ումի՞ց:
— «Նրանից», «նա» ամեն բան կասե ինձ:
Խոսքը տիկնոջ աղախնի մասին էր, որ սաստիկ սիրում էր պատանուն:
— Կարո՞ղ ես իմանալ և ա՜յն, թե սուրհանդակը ի՜նչ կխոսի տիկնոջ հետ:
— Այդ էլ կարող եմ:
— Ի՞նչ միջոցով:
— «Նրան» կասեմ, «նա» դևի նման կմտնի մի ծակում, ականջ կդնե, հետո կգա, բոլորը կպատմե ինձ:
— Բայց « նա» չպիտի գիտենա, որ դու ինձանից պատվեր ես ստացել:
— Հուսիկը երեխա չէ, նա այդ կարող է հասկանալ:
— Իսկ եթե «նա» լեզուն չպահե՞:
— «Նա» այնպիսի աղջիկ չէ. ես «նրան» կասեմ` բերանդ փակ պահիր, և «նա» էլ չի բաց անի:
Տիկնոջ մոտ եկած սուրհանդակը հասարակ մարդ չէր:
Նա Տարոնի տանուտերներից մեկն էր. նրա մասնավոր խոսակցությունը տիկնոջ հետ` շատ բան կարող էր պարզել իշխանի համար, և այդ էր, որ հետաքրքրում էր նրան:
Արեգակը արդեն բավական բարձրացել էր հորիզոնի վրա և իշխանի սենյակը լցրել էր ջերմ, ոսկեփայլ ճառագայթներով: Նա ցած իջավ գահավորակի վրայից և հրամայեց պատանուն, որ լվացվելու ջուր տա:
Նա մտավ քնարանը: Այնտեղ, սենյակի մի կողմում, հատակի վրա տարածված էր փափուկ, թանկագին օթոց. պատանին փռեց նրա վրա մի պաստառ բամբակյա մաքուր գործվածքից, որի վրա ծալապատիկ նստեց իշխանը: Այդ պաստառը նրա համար էր, որ ջուրը չսրսկվի օթոցի վրա: Հետո պատանին տարածեց իշխանի ծնկների վրա կտավյա, սպիտակ ղենջակը և արծաթյա լագանը դրեց նրա առջև: Գեղաքանդակ լագանը բոլորակ տաշտի ձև ուներ, անհավասար, ալիքավոր շրթունքներով, որոնք բութ սղոցի ատամների էին նմանում: Իսկ շրթունքների մեջ ագուցած էր մի տափակ, ցանցատեսակ խուփ, մանր ծակտիքներով, որ զանազան նկարներ էին ներկայացնում: Հեղած ջուրը ծակտիքներից մաղվում էր լագանի մեջ և լվացվողը յուր անմաքրությունը չէր տեսնում: Պատանին ծնկների վրա չոքած էր յուր տիրոջ առջև, աջ ձեռքով ջուր էր ածում, իսկ ձախ ձեռքում բռնած ուներ մի փոքրիկ, արծաթյա թաս, որի մեջ դրված էր անուշահոտ օճառը: Արծաթյա ջրածիկը ագին լայն բաց արած սիրամարգի ձև ուներ: Պատանին բռնել էր թևքերից և մաքուր ջուրը հոսում էր գեղեցիկ թռչունի կտուցից: Սիրամարգը Մամիկոնյանների սիրած թռչունն էր. այդ հիշատակը նրանք բերել էին իրանց նախկին հայրենիքից — Չինաստանից:
Երբ իշխանը լվացվեցավ, պատանին ջրածիկը և լագանը մի կողմ դրեց, հետո մաքուր անձեռոցիկով, որ պատրաստ ուներ ուսի վրա, սկսեց սրբել յուր տիրոջ երեսը, պարանոցը և ձեռքերը: Եվ ապա վեր առեց փղոսկրյա սանդրը, սկսեց գլուխը սանդրել: Գլխի բոլորտիքը սափրած էր, միայն գագաթի վրա ճոխ երկարությամբ աճել էին սև գիսակները: Գագաթի բոլորովին մեջտեղում, մի դրամի մեծությամբ, նույնպես ածիլած էր: Գիսակները սանդրելուց հետո, պատանին պատրաստվում էր օծել անուշահոտություններով:
— Հարկավոր չէ, — ասաց իշխանը:
Պատանին զարմացավ: Այդ առաջին անգամն էր, որ յուր տիրոջ մազերը սանդրելուց հետո, նա պետք է թողներ առանց օծելու:
«Ես պետք է թաքցնեմ իմ տխրությունը... » — մտածեց իշխանը և թույլ տվեց սպասավորին, որ շարունակե սովորական պչրանքը:
Գլուխը օծելուց հետո, նա գիսակները հաստ հանգույցներով հավաքեց գագաթի շուրջը, իսկ նրանց ծայրերը արձակ գանգուրներով բաց թողեց ականջների ու պարանոցի վրա: Հետո սկսեց կապել գլխի զարդերը: Դրանք բաղկացած էին մի խույրից, որ բանված էր գեղեցիկ անկվածներով, և գույնզգույն մետաքսյա ապարոշից, որ կապեց խույրի վրա: Ապարոշի առջևի կողմում, ուղիղ ճակատի վրա, կապեց արծաթյա մահիկը, որ կիսալուսնի ձև ուներ և քանդակված էր զանազան խորհրդավոր նշանագրերով: Երկու բարակ շղթաներ ամրացված էին մահիկի երկու եղջյուրներից, և նրանց ծայրերը, ապարոշի բոլորտիքով անցնելով դեպի ծոծրակը, այնտեղ փակվում էին արծաթյա ճարմանդներով: Ճարմանդների յուրաքանչյուրի վրա փայլում էր մի խոշոր ակն: Մնում էին աչքերը, որ պետք էր սուրմայել ծարիրի սև փոշիով: Պատանին դուրս հանեց յուր ծոցից մի մաշկեղեն փոքրիկ պարկ, որ լցված էր սուրմայով: Հետո վեր առեց ոսկյա դեղդիրր, որ բարակ ձողի ձև ուներ, նախ մոտեցրեց յուր շրթունքներին, բերանի գոլորշիով փոքր-ինչ խոնավություն շնչեց նրա վրա, և ապա թաթախեց պարկի մեջ: Դեղդիրը ընդունեց յուր վրա պարկի միջի սև փոշիից նույն չափով, որչափ խոնավություն ուներ: Սկսեց նրանով սուրմայել աչքերը: Ամենայն զգուշությամբ և շնորհալի ձեռքով տանում էր նա դեղդիրը կոպերի միջով, որոնց եզերքը, ընդունելով իրանց վրա սև փոշին, այնպիսի տպավորություն էին գործում, կարծես, սև գծերով եզերավորված լինեին:
Այժմ պետք էր հագցնել իշխանին:
Նախ հագավ մետաքսյա, ծաղկավոր պատմուճանը, կողքերից ճղած փեշերով, որ իջնում էին մինչև սրունքները: Պատմուճանի լայն թևքերի ոսկյա կոճակները, որոնք պոչից կախ ընկած կեռասի ձև ունեին, ծառայում էին ավելի իբրև զարդ, քան թե բազուկները կոճկելու համար: Բաց կուրծքը կոճկեց նա նույնպես ոսկյա կոճակներով, որոնք չափռաստների ձև ունեին: Մեջքին կապեց ծանր, ականակուռ ոսկյա քամարը, որի ծայրերը, փակվելով միմյանց հետ, ներկայացնում էին մի բարձրաքանդակ աստղ` սփռված ճաճանչներով: Աստղի մեջտեղում վառվում էր մի խոշոր, վարդագույն գոհար, որ շրջապատված էր ավելի մանր գոհարներով: Քամարից, ձախ կողմի ազդրի վրա, քարշ տվեց յուր անբաժան նրանը, որի ծայրը հասնում էր մինչև ծունկը: Այդ երկսայր զենքի թե՜ պատյանը, և թե՜ կոթը պատած էր ոսկով և զարդարած էր գեղեցիկ նկարներով: Պատմուճանի վրա հագավ ասրյա կարճ թիկնոցը, որ նախշած էր ոսկեթել անկվածներով: Կարմիր վարտիքի միայն ստորին մասներն էին երևում երկար պատմուճանի տակից, և այդ մասները, տակից հավաքված լինելով գունավոր սրունքակապերով, ուռուցավոր ծալքերով իջնում էին կարմիր կոշիկների վրա: Նրա իշխանական պաճուճանքը լրացրին երկու ոսկյա գնդեր, որ քարշ տվեց ականջներից:
Նա այս առավոտ հակամայից այսպես հագնվեցավ: Նա գիտեր, որ յուր մայրը անպատճառ կկանչե նրան, հայտնելու հորից ստացած նորությունները: Այդ պատճառով կամեցավ երևնալ մոր աչքին այնպես, որպես սովորաբար տեսել էր նրան, որպեսզի, նա առիթ չունենար կասկածելու, թե որդին վատ տեղեկություններ է ստացել:
Նա կրկին դուրս եկավ ընդունարանը, սկսեց մոլորված կերպով անցուդարձ անել սենյակի մեջ: Նրան զբաղեցնում էր այն միտքը, թե ի՜նչպես պահե իրան մոր մոտ, երբ նա կսկսե խոսել Տիզբոնից ստացված լուրերի մասին: Նա սարսափում էր, մտածելով, թե այնքան ուժ և կամքի զորություն կունենա՞ արդյոք, որ սառնասրտությամբ լսե մորից յուր հոր վարմունքները: Մի անզգույշ խոսք, մի անզգույշ շարժում կարող էր մատնել նրան...
Սպասավորը պատրաստվում էր նախաճաշիկ մատուցանել: Այդ միջոցին դռները բացվեցան, ներս մտավ մի մարդ, որ խորին կերպով գլխով տալով, լուռ կանգնած մնաց ոտքերի վրա: Նրա մերկ, անմորուս երեսից, որ պատած էր վաղահաս կնճիռներով, նրա հանգած, նեղ աչքերից, որ սեղմված էին կարմիր կոպերի մեջ` առանց թերթերունքների և, վերջապես, նրա դեղին ատամներից, որ դուրս էին ցցված անգույն շրթունքների միջից, իսկույն երևում էր, որ այդ մարդը ներքինի է:
— Ի՞նչ կա, — հարցրեց իշխանը:
Ներքինին կրկին անգամ գլուխ տվեց, ասելով.
— Տիկինը հրամայեց հայտնել իմ տիրոջը, որ շնորհ բերե նրա մոտ:
Իշխանը ամբողջ մարմնով ցնցվեցավ, բայց զսպելով յուր տհաճությունը, պատասխանեց.
— Լավ, ասա, որ կգամ:
Ներքինին դարձյալ գլուխ տվեց և հեռացավ:
Պատանի Հուսիկը մի առանձին զզվանքով նայեց նրա ետևից, և, աջ ձեռքի մատները լայն բաց անելով, «մըճիկ հանեց»: Այդ նկատեց իշխանը:
— Դու ե՞րբ պետք է խելոքանաս, Հուսիկ, — հանդիմանեց նրան:
— Ճշմարիտ, սուտ չեմ ասում, — պատասխանեց պատանին կիսահեգնական և կիսաերկչոտ ձայնով, — երբ առավոտյան այդ մարդու երեսը տեսնում եմ, գիտեմ, որ այն օրը բանս չի հաջողի, անպատճառ կամ մի բան կկոտրեմ, կամ մի բան կվիթեմ, և կամ մի ուրիշ վատ բան կպատահի:
Իշխանը ժպտաց:
Ե. ՄԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ
Առավոտյան մառախուղը չքացել էր: Դրսում տիրում էր ջերմ, լուսապայծառ օր: Օդի մեջ բուրում էր շրջակա եղևնիների բալասանական խնկահոտությունը: Ամեն ինչ ժպտում էր, ամեն ինչ ուրախություն էր շնչում, միայն Սամվելի սիրտը լցված էր խորին, անմխիթար տրտմությամբ:
Նա դուրս եկավ յուր բնակարանից, անցնում էր ամրոցի ընդարձակ բակով: Պատանի Հուսիկը, կանգնած սենյակի դռան մոտ, մի առանձին ցավակցությամբ նայում էր նրա ետևից: Նրան հայտնի չէին յուր տիրոջ վշտերը, նա չգիտեր, թե ինչու էր նա այնքան տխուր, բայց նկատելով նրա տխրությունը, ինքը նույնպես տխրեց: Խեղճ պատանին սիրում էր յուր տիրոջը, յուր բարի և ազնիվ տիրոջը, որը այնքան ներողամիտ էր դեպի նա, որը երբեք չէր վշտացրել նրան:
Սամվելը ծածկված էր գարնանային թեթև վերարկուով, առանց թևքերը հագնելու, որ ծածանվում էին վերարկուի լայն ծալքերի հետ: Սպիտակ վերարկուն` գունավոր հագուստի հետ` մի առանձին վայելչություն էին ընծայում բարձրահասակ երիտասարդի գեղակազմ իրանին: Նա ամրոցի ուրախությունն էր, երբ առավոտյան յուր օթևանից դուրս էր գալիս և հայտնվում էր բակում: Ամեն կողմից ամեն աչքեր հիացած նայում էին նրա վրա:
Նա գնում էր առանց աջ ու ձախ նայելու, — գնում էր, գլուխը դեպի ցած խոնարհած, — գնում էր, որպես մի սգավոր: Այսպես ոչ ոք չէր տեսել նրան: Ի՞նչ դիրք բռնել մոր մոտ... կեղծե՞լ, խաբե՞լ նրան .. թե՞ բացարձակ կերպով դատապարտել հոր վարմունքը... — այդ վարանմանց մեջ էր նա, այդ մտքերն էին տանջում նրան:
Ամրոցում կյանքը արդեն զարթնել էր. ամեն ինչ շարժողության մեջ էր: Աղավնիները ցած էին իջել աշտարակների բարձրությունից, խումբերով պտտվում էին բակում և սիրաբորբոք տարփանքով քծնվում էին միմյանց շուրջը: Իշխանական աղախինները, գույնզգույն հագուստներով, ուրախ, զվարթ, կատակներ էին անում միմյանց հետ, ծիծաղում էին, և կուտ էին ցրվում սիրելի թռչուններին: Ներքինիները ծանր, հոգատար դեմքով, մի սենյակի դռնից դուրս էին գալիս և, լուռ ու մունջ ուրվականների նման, անցնում էին, մտնելով մի այլ սենյակ: Մի գեղեցիկ տղա խաղում էր եղջերվի ձագի հետ, որի պարանոցը զարդարած էր արծաթյա օղամանյակով: Դա Սամվելի փոքր եղբայրն էր:
Ցերեկվա լուսով ամրոցը ներկայանում էր յուր ահեղ, հսկայական կերպարանքով: Թանձր, քարաշեն շրջապարիսպը մրցում էր շրջակա ժայռերի և ապառաժների բարձրության հետ: Կարծես, կիկլոպների ձեռքը շարել էր այն ահագին քարերը միմյանց վրա և կազմել էր այդ վիթխարի շրջապարիսպը: Նրա մեջ զետեղված էին բոլոր շինվածքները, որ ծառայում էին մի մեծ իշխանական տան բնակության համար: Նա այնքան ընդարձակ էր, որ վտանգի ժամանակ կարող էր այնտեղ պատսպարվել շրջակա գյուղացիների մեծ մասը: Այդ կետից, Ողականը ավելի մի բերդ էր, քան թե ամրոց: Դեպի ամեն կողմ, ուր որ նայում էիր, տիրապետում էր ոչ այնքան նրբություն և գեղեցկություն, որքան պարզություն և անխորտակելի ամրություն: Նա ուներ այնքան շատ բաժանմունքներ, որքան շատ պետքերի էր ծառայում: Սամվելն անցնում էր այն բաժանմունքի բակով, որտեղ զետեղված էր կանանոցը:
Մի քանի րոպե կանգ առեց նա, խոսում էր եղջերվի ձագի հետ խաղացող եղբոր հետ: Գեղեցիկ երեխան ուրախանալով ցույց էր տալիս, թե որքան աճել էին «սիրունիկի» եղջյուրները: Այդ միջոցին մանկահասակ աղախինները շրջապատեցին նրան: Մի սևաչյա օրիորդ մինչև անգամ համարձակվեցավ ձեռքը մեկնել և ուղղել նրա պատմուճանի օձիքը:
— Շնորհակալ եմ, Նվարդ, — ասաց իշխանը ժպտալով, — իմ Հուսիկը շատ անշնորհք է, չգիտե լավ հագցնել յուր տիրոջը:
— Այո, անշնորհք է... տեր իմ, — կրկնեց օրիորդը և ամոթխածությունից նրա գունատ թշերը ներկվեցան վարդի գույնով:
Դա նույն աղջիկն էր, որին սիրում էր պատանի Հուսիկը:
Մի քանի րոպե ևս Սամվելը զբաղված էր յուր եղբորով, նրա սիրուն եղջերվով, և լսում էր ուրախ, անհոգ օրիորդների հանաքները: Դրանով աշխատում էր ժամանակ վաստակել, որպեսզի լավ որոշե յուր խաղալու դերը մոր մոտ:
Այդ միջոցին կանանոցի շքեղ դահլիճներից մեկում, մի կին կանգնած էր մետաղյա հղկած հայելիի առջև, և ինքն յուր վրա սիրահարվածի նման, նայում էր, ժպտում էր, և մի առանձին հրճվանքով ուղղում էր գլխի զարդերը: Արդեն մի քանի անգամ նա մոտեցել էր այդ հայելուն և, չհավատալով յուր աչքերին, այդ վերջին փորձն էր անում, ստուգելու համար, արդյոք այնքան սա՞զ էին գալիս այդ նոր զարդերը, որքան նա կարծում էր:
Նախասենյակում լսելի եղան ոտքի ձայներ: Նա շտապով թողեց հայելին, անցավ գահավորակի վրա, նստեց և, թիկն տալով թավիշյա բարձերին, լուրջ դեմք ընդունեց: Նա յուր հասակից ավելի թարմ և անթառամ էր մնացած: Նրա տարիքը վաղուց մոտեցել էին հիսունին, բայց դեռ մի մանկահասակ հարսի տպավորություն էր գործում: Եթե գիրությունը և ճարպի անհամեմատ պարարտությունը կոշտացրած չլինեին նրա մարմինն ու դեմքը, նրան կարելի էր մինչև անգամ գեղեցիկ համարել: Խոշոր աչքերի մեջ վառվում էր գոռոզություն և տոհմային հպարտություն, որը բոլորովին անհետացնում էր նրանց մեղմ քաղցրությունը:
Այդ փառահեղ տիկինը Սամվելի մայրն էր, որին կոչում էին Տաճատուհի:
Ներս մտավ երիտասարդը բռնի ժպիտը երեսին:
Ներս մտավ երիտասարդը բռնի ժպիտը երեսին:
— Բարի լու՛յս, սիրելի մայրիկ, — ասաց նա և, յուր սովորության համեմատ, մոտեցավ ձեռքը համբուրելու:
Բայց երկու քայլ հեռավորության վրա կանգ առեց և կիսահեգնական և կիսազարմացական ձայնով բացականչեց.
— Այդ ի՛նչ եմ տեսնում... Աստված է վկա, առանց հարցնելու կարող եմ ասել, որ հայրս գալիս է:
— Ինչի՞ց իմացար, — հարցրեց մայրը, քաղցր կերպով ժպտալով:
— Այդպես զարդարվել ես... հոնքերդ ներկել ես... ձեռքերդ ներկել ես... Այդ բոլորը ո՞ւմ համար է...
Մայրը գրկեց որդուն, ճակատը համբուրեց և, նստեցնելով յուր մոտ` գահավորակի վրա, ասաց.
— Ա՜յո, գալիս է: Հիմա տո՜ւր, «ավետչեքս»:
Վերջին խոսքերի միջոցին մայրը ձախ ձեռքով գրկեց որդու պարանոցը, իսկ աջ ձեռքով բռնեց նրա ականջից, կրկնելով.
— Ասա, ի՞նչ ես տալիս:
— Մի զույգ համբույր, — պատասխանեց որդին, աշխատելով ականջն ազատել նրա ձեռքից: — Դրանից ավելի լա՞վ ավետչեք: Էլ ի՞նչ ես ուզում:
— Հենց այդ եմ ուզում, — ասաց մայրը և, սեղմելով նրան յուր կուրծքի վրա, համբուրեց երկու թշերից:
Որդու ողջագուրանքը, մոր սիրալիր փաղաքշանքը բոլորովին անկեղծ էին: Մայրը ուներ սիրող սիրտ, մանավանդ դեպի յուր զավակները. իսկ որդին հնազանդ ծնողասեր զավակ էր: Այժմ այդ անարատ սիրո մեջ մտել էր մի դև, մի չար միտք, որ պիտի երկպառակեր ընտանեկան խաղաղությունը, որ պիտի գժտություն, ատելության և, գուցե, ավելի աղետավոր թշնամանք սերմաներ որդու և ծնողների մեջ: Ամեն անգամ, որ այդ մտածությունները պաշարում էին Սամվելին, նա ամբողջ մարմնով դողում էր:
Նույն մտածությունները ոչ սակավ, սաստկությամբ հուզում էին և մոր սիրտը: Նա գիտեր Սամվելի ամուր հավատը, գիտեր նրա կրոնական ջերմեռանդությունը, նրան ծանոթ էին յուր որդու հայրենասիրական ջերմ զգացմունքները: Այժմ ի՜նչպես հայտներ որդուն, թե նրա հայրը ուրացել է յուր կրոնը և պարսից զորքերով գալիս է ոչնչացնելու ամեն ինչ, որ հայկական է:
Մայրը դեռ շատ առաջ կամակից էր յուր ամուսնի հետ: Նրանք պատկանում էին հայոց ազնվականների այն խստասիրտ և պարսկամոլ կուսակցությանը, որ ատում էին հույներին, ատում էին և բնիկ Արշակունի թագավորներին: Բայց մոր պարսկամոլությունը մինչև այնօր դեռ չէր արտահայտվել ազգային կամ քաղաքական խոշոր խնդիրների մեջ: Մայրը միայն սիրում էր ընտանիքի մեջ մտցնել պարսկական լեզու, պարսկական սովորություններ, թեև այդ բոլորի համար միշտ հանդիպում էր որդու խորին տհաճությանը: Այդ ընտանեկան խուլ կռիվը վաղուց սկսվել էր նրանց մեջ, և վաղուց Սամվելը նախապատրաստված էր որպես մի ընդդիմադիր ուժ արգելք դնելու մոր ձգտումներին: Բայց դեռ երևույթներն այնքան անմեղ էին և առիթներն այնքան մեղմ էին, որ երբեք պատճառ չէին տվել ընտանեկան ծայրահեղ երկպառակության: Իսկ ա՞յժմ. այժմ ի՞նչ պետք էր անել: Այժմ ներկայանում էր մի սարսափելի պատճառ, որ կամ միանգամից պետք է խորտակեր ընտանեկան բոլոր կապերը, կամ որդուն հնազանդեցներ ծնողաց կամքին: Մայրը այդ հույսը չուներ. նրան հայտնի էր որդու համառությունը, նրան հայտնի էր որդու և հաստատամտությունը: Ամբողջ գիշերը մտածում էր նա այդ մասին և ոչինչ ելք չէր գտնում: Վերջը վճռեց աղետավոր իրողության կեսը միայն հայտնել որդուն, իսկ մնացած կեսը պահել ավելի բարեհաջող ժամանակի համար:
Այժմ սկսեց ավելի թեթև խոսակցություններով զբաղեցնել որդուն, որ մի առանձին զվարճությամբ նայում էր նրա վրա:
— Ինչպե՞ս ես գտնում այդ նոր զարդարանքը, — հարցրեց Սամվելից:
— Հորս գլուխը վկա, սքանչելի է, — պատասխանեց որդին, — միայն դու մոռացել ես ներկել քո շրթունքները, այն ժամանակ կատարելապես մի պարսկական թագուհու կնմանեիր:
— Դու հեգնում ես, Սամվե՜լ:
— Ի՞նչ հեգնելու բան կա, — ծիծաղելով ասաց որդին և, ձեռքը տանելով, մոր զարդարանքները մի առ մի շոշափելով, շարունակեց.
— Բոլո՛րը գեղեցիկ է, բոլո՛րը հրաշալի է: Ահա այդ արծաթյա մահիկը, զարդարած խոշոր ալմաստներով, որ կապել ես լայն ճակատիդ, դա փայլում է, որպես նորածին կիսալուսինը փայլում է պարզ երկնակամարի վրա. դա կթափե քո վրա այն բոլոր բարիքները, ինչ որ լուսինը թափում է արարածների վրա: Իսկ այդ ալմաստները, որ սփռված են մահիկիդ շուրջը, մշտական ուրախություն կշնչեն քո սրտին, հաղթող կհանդիսացնեն քեզ ամեն ձեռնարկության մեջ և թագավորների աչքում սիրելի կկացուցանեն: Ահա այդ սիրուն թանան, որ կրում ես քթիդ վրա, յուր մեխակի ձևով` միշտ անուշահոտությամբ կհրապուրե քո հոտոտելիքը, իսկ յուր երկնագույն փիրուզայի ակնով կլիացնե քո արկղները ոսկով ու արծաթով, քո խոսքը, քո խնդիրքը ընդունելի կանե ամենի մոտ և քեզ հեռու կպահե թագավորների պատուհասներից: Ահա այդ ոսկյա գնտերը, որ վառվում են գույնզգույն զմրուխտներով, կպահպանեն քո լսելիքը անախորժ ձայներից և միշտ ուրախալի համբավներով կզվարճացնեն քեզ: Իսկ այդ զմրուխտները կկուրացնեն օձի ու վիշապի աչքերը և քո անձը անխոցելի կպահեն ամեն թունավոր զեռունների ու միջատների խայթոցներից: Ահա այդ մարգարտաշար մանյակը յուր խորհրդավոր հուռութքներով, դրանց մեջն է ամփոփված քո բախտը, քո թովիչ զորությունը և քո կախարդիչ հրապուրանքը, որոնք կնոջ համար անհրաժեշտ են...
Նա առեց մոր ձեռքերը յուր ափերի մեջ և շարունակեց.
— Այդ օձաձև ապարանջանները, որքա՛ն գեղեցիկ են, որքա՛ն խորհուրդ կա դրանց մեջ... դրանք կտան քո բազուկներին հաջողություն և օձի իմաստություն, ինչպես տվեց օձը մեր նախամայր Եվային... Իսկ այդ մարջանով բուստ) և գույնզգույն հուլունքներով զարդարած թևակապները, որոնց մեջ պահվում են, ո՜վ գիտե, ինչ տեսակ թալիսմաններ, — դրանք հեռու կպահեն քեզ չար աչքերից և չար պատահարից, դրանք կպահպանեն քեզ դևերի, քաջքերի և բոլոր աներևույթ ոգիների պատրանքներից: Ես համոզված եմ, որ այդ թևակապների մեջ ամփոփված են մի որևիցե մոգի դրվածքները ...
Մայրը խոժոռ դեմք ընդունեց: Որդին շարունակեց, ցույց տալով մատանիների նշանակությունը.
— Այդ մատանին կարմիր յաղութի հակինթ) քարով ամեն մարդկանց մոտ հաճելի կանե քեզ: Այդ մյուսը` սարդիոնի սեյլան) քարով` փարատում է արյունահեղությունը: Այդ երրորդը` վարդագույն սուտակի լալ) քարով` փարատում է վշտերը և հալածում է դևերին: Այդ չորրորդը` խայտաճամուկ օձաքարով` թույների ներգործությունը ոչնչացնում է: Այդ հինգերորդը` հակիկի դեղնագույն քարով` ոչնչացնում է մարդկանց չար մտքերը...
Մայրը հասկացավ, որ որդին ծաղրում էր նրա սնահավատությունը և հեթանոսական նախապաշարմունքները, այդ պատճառով ընդհատեց նրա բացատրությունները խիստ և վիրավորված ձայնով.
— Բավական է, ես գիտեմ քո թերահավատությունը... դու այդպիսի բաների չես հավատում...
— Իզուր ես այդպես կարծում, սիրելի մայրիկ, — պատասխանեց Սամվելը անվրդով կերպով, — ես կամենում եմ ցույց տալ, որ այնքան տգետ չեմ, այլ բոլորի նշանակությունը հասկանում եմ...
— Մի՞թե ես առաջ այդպիսի զարդեր չէի կրում, և մի՞թե մեր նախարարների բոլոր կանայքը այդպիսի զարդեր չեն կրում:
— Ճշմարիտ է, դու, կրում էիր... այն ևս ճշմարիտ է, որ մեր նախարարների կանայքը նույնպես կրում են, բայց ձևերի մեջ մեծ զանազանություն կա: Քո կրածները կատարելապես նմանեցրած են պարսկական ձևերին...
— Թո՜ղ այդպես լինի, ի՞նչ կա:
— Ոչինչ... ես միայն զարմանում եմ, թե ինչպե՛ս շուտ դու պատրաստել տվեցիր այդ բոլորը:
— Ես վաղուց պատրաստել էի տվել... ես միայն սպասում էի...
— Որ հորս գալուստը լսածին պես կրե՜ս... Այդպես չ՞է:
Մայրը ոչինչ չպատասխանեց և, նկատելով, որ այդ խոսակցությունը անախորժ կերպարանք է ստանում, խոսքը փոխեց.
— Գիտե՞ս, Սամվել, քեզ ինչու համար կանչեցի:
— Ես ոչինչ չգիտեմ...
— Հորիցդ նամակ ստացա, կանչեցի, որ հայտնեմ քեզ:
— նամա՞կ ստացար, — բացագանչեց Սամվելը, — այդ ուրախալի՛ է... շա՛տ ուրախալի... Եր՞բ ստացար:
— Այս գիշեր: Սուրհանդակ եկավ:
Տիկինը ցած իջավ գահավորակի վրայից, հագավ կապտագույն մաշիկները, որ դրած էին գահավորակի առջև, անցավ դահլիճի միջով և մոտեցավ պատուհաններից մեկին, վեր բարձրացրեց մետաքսյա վարագույրը: Այդ ժամանակ միայն, երբ նա երեսը շուռ տվեց, Սամվելը ուշադրություն դարձրեց մոր ծամքաղի վրա, որի մյուս զարդարանքների թվում նկատեց բորենու ճիրանից շինված մի հուռութք, որ բռնված էր արծաթի կանթի մեջ:
վերադարձավ, ձեռքում բերելով մագաղաթի մի գալարված փաթոթ, որ կապած էր մետաքսյա, գույնզգույն նարոտով: Նա տվեց մագաղաթը որդուն, ասելով.
— Հորդ նամակն է:
Սամվելը ուրախությամբ բաց արեց մագաղաթի փաթոթը և, նայելով նրա վրա, ասաց.
— Դա պարսկերեն է գրված...
Մայրը կիսախրատական և կիսահանդիմանական եղանակով նկատեց նրան.
— Ա՛յ, քեզ որ միշտ ասում էի, որդի, սովորի՜ր այդ լեզուն, դու ինձ ականջ չէիր դնում, խելքդ ու միտքդ տվել էիր այն անիծված հունարենին և ասորերենին: Հիմա տեսնո՞ւմ ես, հորդ նամակն էլ չես կարողանում կարդալ: Դու մինչև անգամ աշխատում էիր` քո փոքր եղբորը, Վահանին ևս դժբախտացնել, արգելում էիր նրան պարսկերեն սովորել: Բայց նա այժմ ո՜չ միայն վարժ խոսում է, այլև գրում է:
Մոր հանդիմանությունը սաստիկ վրդովեցրեց Սամվելին, բայց նա, զսպելով իրան, ասաց.
— Դու, իհարկե, կարդացած կլինես, պատմի՜ր, ի՞նչ է գրում հայրս:
Տիկինը պատմեց այն, ինչ որ արդեն գիտեր Սամվելը, թե Շապուհ արքան շնորհել է յուր ամուսնին հայոց սպարապետությունը, իսկ յուր եղբորը, Մերուժանին, խոստացել է հայոց թագավորությունը, և յուր քույր Որմիզդուխտին արքան կնության է տվել Մերուժանին: Եվ այժմ թե՜ Մերուժանը, և թ՜ե յուր ամուսինը ճանապարհի վրա են, պարսից զորքերով գալիս են, մեկը հայոց թագավոր դառնալու համար, մյուսը` հայոց սպարապետ:
Այդ պատմության բոլոր ժամանակ տիկնոջ դեմքը փայլում էր անսահման ուրախությամբ, իսկ Սամվելը խորին վրդովմունքով լսում էր նրան, ավելի և ավելի պինդ գալարելով յուր ձեռքում մագաղաթի թերթը, որ բերել էր աղետավոր լուրը: Բայց Սամվելը նախապատրաստված էր այդ բոլոր դառն և ամոթալի եղելությունները լսելու, որոնց մեջն էր տեսնում յուր հայրենիքի կործանումը:
Տիկինը յուր ստացած տեղեկությունների մի մասը միայն պատմեց, և նամակի մեջ այնքանը միայն գրված պետք է լիներ: Բայց նա թաքցրեց Սամվելից, թե նրա հայրը և Մերուժանը ուրացել են քրիստոնեությունը, ընդունել են պարսից կրոնը և խոստացել են Շապուհին նույնը մտցնել և Հայաստանում, և այդ մտքով բերում են իրենց հետ մոգերի ահագին բազմություն, որ եկեղեցիների փոխարեն ատրուշաններ հիմնեն, և ամեն տեղ բաց անեն պարսից դպրոցներ, նախարարների և ազնվականների թ՜ե տղաներին, և թ՜ե աղջիկներին պարսկական ոգով և պարսկական կրոնի հրահանգներով կրթություն տալու համար: Նա ծածկեց Սամվելից և նրա հորեղբոր, Վասակի չարաչար մահը Շապուհից, ծածկեց և Արշակ թագավորի աքսորվիլը Անհուշ բերդում: Այդ բոլորը, իհարկե, գիտեր տիկինը, այդ բոլորը, անտարակույս, բերանացի հաղորդած կլիներ նրան նամակը բերող սուրհանդակը:
Տիկինը նկատեց այն վատ տպավորությունը, որ յուր պատմությունը գործեց որդու վրա, բայց իրան չգիտենալ ձևացնելով, գրկեց որդուն և, սեղմելով յուր կրծքի վրա, ասաց.
— Դու այժմ կարող ես շնորհավորել ինձ, սիրելի Սամվել, — եղբայրս հայոց թագավոր, իսկ քո հայրը` հայոց սպարապետ...
Սամվելի դրությունը աննախանձելի էր: Նա կամ բացարձակ կերպով պետք է հայտներ յուր զզվանքը հոր և Մերուժանի վարմունքի դեմ, պատմելով բոլորը, ինչ որ ինքը գիտեր նրանց դավաճանությունների մասին, և կամ պետք է լռեր, որ միգուցե յուր անզգուշությամբ գործը փչացներ, և յուր արդեն խորհած, վճռած նպատակները մնային անկատար: Բայց լռել չէր կարող նա, պետք էր մի բան պատասխանել: Այդպիսի դժվարին րոպեներում նրան օգնության էր հասնում յուր սովորական թերահավատությունը մի կողմից, և յուր կծու հեգնությունը, մյուս կողմից:
— Այդպես շուտ ուրախանալ, դեռ վաղ է, սիրելի մայր, — ծիծաղելով պատասխանեց նա, դուրս պրծնելով մոր գրկից:
— Ինչո՞ւ, — հարցրեց մայրը և նրա ձայնը դողաց սրտի հուզմունքից:
— Դեռ հայոց թագավորը կենդանի է...
Տիկինը չկարողացավ իրեն զսպել, հայտնեց այն, ինչ որ ծածկել էր աշխատում.
— Հայոց թագավորը աքսորված է Անհուշ բերդում, որտեղից մարդիկ այլևս չեն վերադառնում:
— Այդ ես գիտեմ, որ այնտեղից մարդիկ այլևս չեն վերադառնում, բայց հայոց թագաժառանգը Կ. Պոլսումն է, քրիստոնյա կայսրի մոտ...
— Նրան ո՞վ կբերե և յուր հոր գահը կնստացնե:
— Հունաց զորքերը և հայոց նախարարները...
— Մինչև նրանց գալը, հայոց երկիրը գրավված կլինի պարսից զորքերով, իսկ իմ եղբայրը թագավոր:
— Հաջողություն եմ ցանկանում...
— Դու չես հավատում, Սամվել, բայց շուտով կտեսնես, որ այդ բոլորը կկատարվի, — ասաց մայրը, աշխատելով համոզել որդուն: — Դու ասում ես, որ հայոց թագաժառանգը կայսրի մոտ է, հունաց զորքերով կգա և յուր հոր գահը կժառանգե: Բայց գիտե՞ս ո՜վ է հունաց այժմյան կայսրը: — Հայերի թշնամի Վաղեսը: Նա արդեն հայոց քահանայապետ Ներսեսին, որ գնացել էր Կ. Պոլիս կայսրից օգնություն խնդրելու, ոչ միայն մերժել է յուր երեսից, այլ աքսորել է Միջերկրական Պատմոս կղզում: Այդ դու գիտե՞ս:
— Առաջին անգամն եմ լսում...
Բայց նա գիտեր հալածասեր Վաղեսի անիրավ վարմունքը Ներսես Մեծի հետ: Նա ամենայն ուշադրությամբ հետևում էր բոլոր աղետավոր անցքերին, որ այդ ժամանակ կատարվում էին յուր հայրենիքի վերաբերությամբ: Եվ նրա զգայուն սիրտը բազմաթիվ վերքերով խոցված էր կատարվող չարիքներից:
Նա մտածեց կշտամբել մոր համակրությունը դեպի Վաղեսի վարմունքը: Նա մտածեց հայտնել յուր խորին տհաճությունը դեպի յուր հոր և Մերուժանի գործողությունները, բացատրելով, թե որպիսի՜ ազգակործան հետևանքներ կարող էին ունենալ նրանց ձեռնարկությունները և, վերջապես, նա մտածեց խոստովանվել մոր առջև, թե ինքը, որքան կարող է, ամեն հնարներ գործ կդնե` ոչնչացնելու հոր դիտավորությանը: Բայց նա գիտեր յուր մոր անսահման փառասիրությունը: Նա ցանկանում էր հայոց սպարապետի տիկին լինել և հայոց թագավորի քույր: Ամեն մի ապացույց այդ մոլեգին ցանկության առջև կկորցներ յուր ազդեցությունը:
Խոհեմությունը փականք դրեց նրա լեզվին:
Զ. ԵՐԿՈՒ ԵՂԲՈՐ ՈՐԴԻՆԵՐ
Մամիկոնյան նախարարները, վաղեմի ժամանակներից, վայելում էին հայոց սպարապետության արտոնությունը: Այդ բարձր պաշտոնավարության իրավունքը անցնում էր նրանց տոհմի մեջ ժառանգաբար, որդին փոխարինում էր հորը նրա վախճանից հետո: Թեև եղել են բացառություններ, որ հայոց մյուս նախարարական տներից ևս սպարապետներ են ընտրվել, բայց այդ եղել է այն ժամանակ միայն, երբ թագավորի և Մամիկոնյանների մեջ որևէ, թշնամություն է տեղի ունեցել: