Նա լուռ հեռացավ իր ճգնարանը։
Այժմ արդեն այնքան էի զայրացել, որ այլևս անզոր էի ինձ զսպելու։ Ես և Բարթլբին մենակ էինք։ Հիշեցի դժբախտ Ադամսի և ավելի դժբախտ Քոուլթի ողբերգությունը վերջինիս գրասենյակում, երբ Ադամսի վրա բարկացած խեղճ Քոուլթն այնքան դուրս եկավ ափերից, որ անգիտակցաբար գնաց դեպի ճակատագրական քայլը, որը մարդկանց համար ավելի դատապարտելի չէ, քան այն քայլը կատարողի համար։ Նման դեպքերի մասին շատ եմ խորհել, և հաճախ ինձ թվացել է, որ նրանք բոլորովին այլ վերջաբան կունենային, եթե դեպքերը կատարվեին փողոցում կամ մասնավոր բնակարաններում։ Սակայն բոլորվին ուրիշ է գրասենյակում, շենքի վերնահարկում գտնվելու հանգամանքը, երբ շուրջը ոչ մի կենդանի շունչ չկա․ խոսքը մի փոշոտ, խղճուկ գրասենյակի մասին է, որտեղ մի կարպետ անգամ չկա, և որը դժբախտ Քուլթի զայրույթը հասցրեց գագաթնակետին։
Սակայն երբ իմ մեջ արթնացավ զայրացած Ադամն ու սկսեց ինձ գայթակղել Բարթլբիի հանդեպ՝ ես մարտնչելով գետնեցի նրան։ Ինչպե՞ս։ Պարզապես մտաբերելով աստվածային հրամանը․ «Նոր պագտամ ե տալիս ձեզ, որ սիրեք միմյանց»։ Այո, հենց սա ինձ փրկեց։ Վեհ դատողությունների կողքին բարեգործությունը հաճախ իմաստուն և շրջահայաց սկզբունք է դառնում, որպես իր տիրոջ մեծն պահապան։ Մարդիկ սպանություն են գործել՝ ելնելով խանդից, զայրույթից, ատելությունից, եսասիրությունից, հպարտությունից, սակայն երբեք լսած չկամ, որ մարդ դիվային սպանություն գործի հանուն գթասրտության։ Սովորական շահագրգռվածությունը, եթե ոչ ավելի բարձր շարժառիթ, հատկապես կենսուրախ մարդկանց կդրդի դեպի բարեգործություն և մարդասիրություն։ Համենայն դեպս, տվյալ պարագայում ես ջանում էի խեղդել իմ դյուրաբորբոք զգացմւնքները՝ բարյացակամորեն մեկնաբանելով Բարթլբիի վարքը։ Խեղճ տղա, մտածում էի, ի՞նչ վնաս կա նրանից, բացի այդ, շատ է տանջվել, ու նրա հանդեպ հարկավոր է ներողամիտ լինել։
Փորձեցի նաև անմիջապես գործի անցնել, և միաժամանակ մխիթարել հուսահատությունս։ Պատկերացրի, որ քիչ հետո (Բարթլբիին հարմար ժամին) նա իր իսկ կամքով դուրս կգա ճգնարանից և վճռական քայլերով կգնա դեպի դուռը։ Բայց ոչ։ Տասներկուսն էլ անցավ։ Հնդկահավի դեմքը փայլատակում էր, նա շուռ տվեց թանաքամանն ու սովորականի պես սկսեց աղմուկ բարձրացնել։ Աքցանը դարձավ համակ անդորր և քաղաքավարություն։ Քաղցրաբլիթն իր կեսօրյա խնձորն էր ծամում, իսկ Բարթլբին կանգնած մնաց իր լուսամուտի մոտ՝ ամենախոր անուրջներին հանձնված։ Ինչի՞ն վստահել։ Ընդունե՞լ իրողությունը։ Թողեցի ու դուրս եկա գրասենյակից՝ առանց Բարթլբիի հետ մի բառ անգամ փոխանակելու։
Անցան օրեր, որոնց ընթացքում հանգստի ժամին երբեմն թերթում էի Էդվարդսի «Կամքի մասին» և Փրիսթլիի «Անհրաժեշտության մասին» տրակտատները։ Ստեղծված պարագայում այս գրքերը բարերար ազդեցություն էին գործում։ Աստիճանաբար եկա այն համոզման, որ գրագրի կողմից ինձ պատճառած հոգսերը նախասահմանված են մշտնջենությամբ, որ Բարթլբիին ինձ հանձնել է ամենագետ նախախնամությունը, ինչ֊որ խորհրդավոր նպատակով, որը հասկանալն ինձ նման շարքային մահկանացուի համար չէ։ Բարթլբի, մտածեցի ես, մնա քո այդ վարագույրի ետևում, այլևս քեզ չեմ հալածի․ դու լուռ ու անվնաս ես, ինչպես այս հին աթոռները, կարճ ասած՝ քո ներկայությամբ ես ինձ միանգամայն առանձնացած եմ զգում։ Հիմա ես տեսնում եմ, զգում եմ․ ես թափանցում եմ իմ կյանքի նախասահմանված նպատակի մեջ։ Ես ամեն ինչից գոհ եմ։ Գուցե ուրիշների դերը կյանքում ավելի վսեմ է, սակայն իմ առաքելությունն այս աշխարհում քեզ, Բարթլբի, սենյակով ապահովելն է այնքան ժամանակ, որքան դու հարմար ես գտնում։
Հավատում եմ, որ այս իմաստուն և երջանիկ մտածելակերպը կշարունակվեր, եթե չլինեին իմ մասնագիտական բարեկամ֊այցելուների անսիրտ և անկարեկից ակնարկները։ Բայց, ինչպես հաճախ է պատահում, սահմանափակ մտքերի մշտական շփումը վերջիվերջո կործանում է գթասիրտ մարդկանց լավագույն մտադրությունները։ Չնայած, եթե խորը մտածենք՝ ոչ մի զարմանալի բան չկար այն բանում, որ գրասենյակ մտնող անձանց ցնցում էր Բարթլբիի անմեկնելի և յուրօրինակ տեսքը՝ գայթակղելով ինչ֊որ չարամիտ խոսք նետելու նրա հասցեին։ Երբեմն ինձ հետ գործ ունեցող որևէ հավատարմատար այցելում էր իմ գրասենյակը, և այնտեղ գրագրից բացի ոչ ոքի չգտնելով, փորձում էր իմ մասին նրանից տեղեկություն ստանալ։ Սակայն, առանց ուշք դարձնելու նրա պարապ խոսակցությանը, Բարթլբին անշարժ կանգնած կմնար սենյակի մեջտեղում։ Այսպես, գրագրին այդ դիրքում որոշ ժամանակ զննելուց հետո հավատարմատարը շվարած կհեռանար։ Բացի այդ, երբ քննարկում էր ընթանում, և սենյակը լի էր իրավաբաններով ու վկաներով, ամենաեռուն պահին իրավաբան պարոններից մեկը, Բարթլբիի անզբաղությունը նկատելով, կխդրեր նրան վազել դեպի իր (իրավաբան պարոնի) մոտակա գրասենյակը և ինչ֊որ փաստաթուղթ բերել։ Այստեղ Բարթլբին հանգիստ կմերժեր և կմնար նույնքան անգործ ու պարապ։ Այնժամ իրավաբանը չռված աչքերով կնայեր նրան, հետո՝ ինձ։ Ի՞նչ կարող էի ասել։ Ի վերջո ես զգացի, որ իմ մասնագիտական շրջանի ծանոնթերի մեջ գրագրիս մասին զարմանաքի շշունջ էր պտտվում։ Սա անչափ անհանգստացնում էր ինձ։ Հետո ինձ սկսեցին սարսափեցնել այսպիսի մտքեր․ Բարթլբին ամենայն հավանականությամբ երկարակյաց է, նա երբեք դուրս չի գա իմ գրասենյակից, չի ընդունի իմ հեղինակությունը, կմոլորեցնի այցելուներիս, կխայտառակի մասնագիտական համբավս, ստվեր կգցի գրասենյակիս վրա․ անխոնջ կերպով խնայողություններ կանի (քանզի օրական հինգ սենթից ավելի չէր ծախսում), վերջիվերջո, միգուցե ինձնից էլ երկար ապրի՝ մշտական բնակության իրավունքով տիրանալով գրասենյակիս։ Այս մռայլ կանխատեսումներն օրեցօր բազմանում էին, իսկ բարեկամներս անգութ ակնարկներով էին խոսում սենյակիս տեսիլքի մասին։ Սկսեցի միտքս փոխել։ Որոշեցի հավաքել բոլոր կարողություններս և հավիտյանս ազատվել այդ անտանելի ղձավանձից։
Բայց նախքան այս նպատակին ծառայող որևէ բարդ ծրագիր մշակելը, ես պարզապես Բարթլբիին ընձեռնեցի գրասենյակը մշտապես թողնելու իրավունքը։ Հանգիստ ու լուրջ առաջարկեցի նրան ուշի֊ուշով, խոհեմաբար մտածել այդ մասին։ Սակայն, երեք օր մտորելուց հետո, նա ինձ տեղեկացրեց, որ իր նախնական վճիռը մնում է նույնը, այն է՝ նա տակավաին գերադասում է բնակվել ինձ հետ։
Ի՞նչ անել, հարցնում էի ինքս ինձ, մինչև վերջ կոճկելով բաճկոնս։ Ի՞նչ անել։ Ինչպե՞ս վարվել։ Ի՞նչ է ասում խիղճն այս մարդու, ավելի ճիշտ՝ ուրվականի մասին։ Նրանից ազատվել պետք է, հեռանալ՝ նա պարտավոր է։ Բայց ինչպե՞ս։ Հո չի կարելի բռնել այս թշվառ, գունատ մահկանացուին, այս անօգնական արարածին ու դռնից դուրս շպրտել։ Արդյոք ինքս ինձ չե՞մ վարկաբեկի նման դաժանության համար։ Ոչ, չեմ կարող, ուղղակի չեմ կարող։ Ես ավելի շուտ կթողնեմ, որ նա ապրի ու մեռնի այստեղ, և հետո նրա մնացորդները պատի մեջ կշարեմ։ Ուրեմն՝ ի՞նչ անել։ Որքան էլ որ հորդորես, Բարթլբին մազաչափ անգամ տեղից չի շարժվի։ Կաշառքը նա թողնում է իմ սեղանի վրա, ծծանի տակ․ մի խոսքով՝ նա գերադասում է պոկ չգալ։
Ուրեմն ինչ֊որ խիստ ու անսովոր քայլ պետք է կատարել։ Բայց ի՞նչ։ Հո չի կարելի ոստիկանի ճանկը գցել և բանտ նստեցնել այս դժգույն ու անմեղ արարածին։ Եվ ի՞նչ պատրվակով դիմել նման քայլի, որ նա թափառաշրջի՞կ է։ Բայց արդյո՞ք թափառաշրջիկ է։ Բարթլբին՝ շրջմոլիկ, որ հրաժարվում է տեղից շարժվե՞լ։ Որովհետև նա ՉԻ ԿԱՄԵՆՈՒՄ շրջմոլիկ լինել, մարդ ակամա ուզում է նրան ՀԱՄԱՐԵԼ շրջմոլիկ։ Անհեթեթությո՜ւն։ Հենման ոչ մի տեսնալի կետ․ ահա Բարթլբին նստած է իր տեղում։ Բայց կրկին սխալվում եմ․ նա ՈՒՆԻ հենման կետ, և դա միակ, անվերապահ ապացույցն է նրա իրավունքի։ Ուրեմն ուրիշ միջոց չկա։ Քանի որ նա չի հեռանա ինձնից, ես ինքս կհեռանամ։ Կփոխեմ գրասենյակս, կտեղափոխվեմ ուր պատահի և շատ քաղաքավարի կնշեմ, որ եթե նրան գտնեմ իմ նոր գրասենյակում, ապա նրա դեմ դատ կհարուցեմ որպես սովորական օրինազանցի։
Ինչպես և որոշել էի, հաջորդ օրը այսպես դիմեցի նրան․
― Այս գրասենյակը Սիթի֊Հոլից շատ է հեռու, օդն այստեղ անառողջ է։ Մի խոսքով, ես մտադիր եմ հաջորդ շաբաթ տեղափոխվելու, և այլևս քո ծառայության կարիքը չկա։ Ես քե հիմա եմ ասում, որպեսզի աշխատանքի մեկ ուրիշ վայր գտնես։
Բարթլբին չպատասխանեց։ Ոչինչ չխոսվեց այլևս։
Նշանակված օրը սայլեր և մարդիկ բերել տվեցի, և քանի որ գրասենյակում կահկարասի քիչ կար, գործը մի ժամում ավարտվեց։ Այդ ընթացքում գրագիրը կանգնած մնաց վարագույրի ետևում, մինչև որ այն նույնպես հանվեց, և Բարթլբին անշարժ մնաց դատարկ սենյակում։ Շեմից մի պահ նայեցի նրան և հոգուս խորքում սկսեցի կշտամբել ինքս ինձ։ Մոտեցա Բարթլբիին՝ ձեռքս գրպանումս և․․․ և սարսափելի ընկճված։
― Ցտեսություն, Բարթլբի, ես գնում եմ․․․ ցտեսություն, և Աստված քեզ հետ։ Վերցրու սա։
Ես ինչ֊որ բան խցկեցի նրա ձեռքը, բայց այն ընկավ հատակին, իսկ հետո, որքան էլ տարօրինակ թվա, հազիվ հեռացա նրանից՝ գրագրից, որից երկար ժամանակ փորձում էի գլուխս ազատել։
Նոր թաղամասում հաստատվելով և առաջին օրերը դուռը կողպած պահելով՝ ես ցնցվում էի միջանցքի յուրաքանչյուր ոտնաձայնից։ Երբ կարճատև բացակայությունից հետո վերադառնում էի գրասենյակ, մի պահ կանգ էի առնում շեմին, ականջ դնում, հետո նոր հանում բանալին։ Բայց իզուր էի վախենում։ Բարթլբիի շունչն անգամ չկար։
Երբ ամեն ինչ, կարծես, բարեհաջող էր ընթանում, անհանգիստ մի անծանոթ հայտնվեց ու հարցրեց, թե արդյոք ես եմ այն անձնավորությունը, որը վերջերս զբաղեցրել է Ուոլ֊Սթրիթի այսինչ համարի տունը։
Վատ կանխազգացումով՝ ասացի, որ ես եմ։
― Ուրեմն, սը՛ր,― ասաց անծանոթը, որն, ինչպես պարզվես, իրավաբան էր,― դուք պատասխանատու եք այն մարդու համար, որին թողել եք այնտեղ։ Նա հրաժարվում է որևէ փաստաթուղթ արտագրել, ոչինչ չի անում։ Ասում է՝ «գերադասում եմ չանել» և ոչ էլ հեռանում է գրասենյակից։
― Ցավում եմ, սը՛ր,― ձևացյալ հանդարտությամբ, բայց ներքին սարսուռով ասացի ես,― սակայն այն մարդը, որի մասին խոսում եք, ոչ մի կապ չունի ինձ հետ։ Նա ո՛չ իմ ազգականն է, ո՛չ էլ աշակերտը, այնպես որ ես չեմ կարող նրա համար պատասխանատու լինել։
― Աստծու սիրուն, ո՞վ է նա։
― Հաստատ չեմ կարող ասել։ Ես նրա մասին ոչինչ չգիտեմ։ Նա իմ գրագիրն էր, սակայն վերջին ժամանակներս ոչինչ չէր անում։
― Ուրեմն ես ինքս կլուծեմ հարցը։ Ցտեսություն, սը՛ր։
Վե՛րջ, մտածեցի ես, երբ հաջորդ շաբաթ ևս ոչ մի լուր չստացա։ Բայց մի օր, գրասենյակ գնալիս, դռան մոտ տեսա ջղային ու հուզված մարդկանց, ովքեր ինձ էին սպասում։
― Ահա եկավ․․․ նա՛ է,― բացականչեց առջևի կանգնածը․ նա վերջերս ինձ այցելած իրավաբանն էր։