«Guerra y paz, volumen 2, parte 3»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «== Երրորդ մաս == === I === 1808 թվին Ալեքսանդր կայսրը մեկնեց Էրֆուրտ՝ նորից Նապոլեոնի հետ տեսակցելու։ Պե...»:) |
(Տարբերություն չկա)
|
Ընթացիկ տարբերակը 21:32, 24 Դեկտեմբերի 2018-ի դրությամբ
Բովանդակություն
Երրորդ մաս
I
1808 թվին Ալեքսանդր կայսրը մեկնեց Էրֆուրտ՝ նորից Նապոլեոնի հետ տեսակցելու։ Պետերբուրգի բարձր հասարակության մեջ շատ էին խոսում այդ հանդիսավոր տեսակցության վեհության մասին։
1809 թվին աշխարհի երկու տիրակալների — այսպես էին անվանում Նապոլեոնին ու Ալեքսանդրին — մոտիկությունը հասավ այնտեղ, որ երբ Նապոլեոնն այդ տարի պատերազմ հայտարարեց Ավստրիային, ռուսական մի կորպուս անցավ սահմանը՝ աջակցելու իր նախկին թշնամուն — Բոնապարտին, և կռվելու նախկին դաշնակցի — ավստրիական կայսեր դեմ,— այդ մոտիկությունն այնտեղ հասավ, որ մինչև իսկ բարձր շրջաններում խոսում էին Նապոլեոնի և Ալեքսանդր կայսեր քույրերից մեկի ամուսնության հնարավորության մասին։ Բայց, արտաքին քաղաքական նկատառումներից զատ, ռուս հասարակությունն այդ ժամանակ իր ամբողջ ուշադրությունը դարձրել էր ներքին բարենորոգումների վրա, որ այդ միջոցին կատարվում էր պետության կառավարչության բոլոր մասերում։
Իսկ կյանքը, մարդկանց իսկական կյանքը — առողջության, հիվանդության, աշխատանքի, հանգստի էական հոգսերով, մտքի, գիտության, բանաստեղծության, երաժշտության, սիրո, բարեկամության, ատելության, կրքերի շահագրգռություններով ընթանում էր, ինչպես և միշտ, անկախ Նապոլեոն Բոնապարտի քաղաքական մոտիկությունից կամ թշնամությունից և բոլոր հնարավոր բարենորոգումներից։
Իշխան Անդրեյը երկու տարի շարունակ ապրեց գյուղում։ Բոլոր այն ձեռնարկումները, որ Պիեռն սկսեց իր կալվածներում ու ոչ մի հետևանքի չհասցրեց, անդադար մի գործից մյուսին անցնելով, այդ բոլոր ձեռնարկումները, առանց որևէ մեկին հրահանգելու և առանց նկատելի աշխատանքի՝ կատարվեցին իշխան Անդրեյի ձեռքով։
Նա ուներ, Պիեռին գերազանցապես պակասող, մի բանի կպչելու այն գործնական ոգին, որն առանց թափի ու ջանքերի ընթացք էր տալիս գործին։
Նա երեք հարյուր հոգի ունեցող իր մի կալվածում գյուղացիներին դարձրեց ազատ երկրագործներ (դա առաջին օրինակներից մեկն էր Ռուսաստանում), իսկ մյուսներում կոռը փոխարինեց բահրայով։ Իր հաշվով նա Բոգուչարովո բերել տվեց ուսյալ տատմեր՝ ծննդկաններին օգնելու, իսկ քահանան ռոճիկով գրագիրություն էր սովորեցնում գյուղացիների ու ծառաների երեխաներին։
Իր ժամանակի մի մասն իշխան Անդրեյն անց էր կացնում Լիսիե Գորիում՝ հոր և որդու մոտ. երեխան տակավին դայակի մոտ էր։ Ժամանակի մյուս մասը՝ Բոգուչարովոյի մենաստանում, ինչպես անվանում էր հայրը նրա գյուղը։ Չնայած որ նա Պիեռի առաջ ցույց էր տալիս, թե ինքն անտարբեր է դեպի աշխարհի արտաքին անց ու դարձը, բայց նա ուշի-ուշով հետևում էր այդ անցքերին, ստանում էր շատ գրքեր և, երբ իր կամ հոր մոտ թարմ մարդիկ էին գալիս Պետերբուրգից՝ կյանքի իսկական հորձանքից, նա, ի զարմանս իր, նկատում էր, որ այդ մարդիկ արտաքին ու ներքին քաղաքականության մեջ կատարվող իրադարձություններն իմանալու խնդրում իրենից շատ ետ են մնացել, թեև ինքը շարունակ նստած է գյուղում։
Բացի կալվածների հետ կապված զբաղմունքներից, բացի ամենաբազմազան գրքերի ընթերցումից, իշխան Անդրեյն այդ ժամանակ զբաղվում էր մեր վերջին երկու դժբախտ պատերազմների քննական վերլուծությամբ և մեր զինվորական կանոնադրություններն ու որոշումները փոփոխելու նախագիծ էր կազմում։
1809 թվի գարնանը իշխան Անդրեյը մեկնեց Ռյազանի կալվածները, որոնք պատկանում էին որդուն, որի խնամակալն էր ինքը։
Կառքի մեջ, գարնան արևից տաքանալով, նայում էր նա առաջին կանաչին, կեչու առաջին տերևներին և գարնան առաջին ամպերի սպիտակ քուլաներին, որոնք վազում էին երկնքի պայծառ կապույտով։ Իշխան Անդրեյը ոչ մի բանի մասին չէր մտածում, նա ուրախ ու անտարբեր նայում էր չորս կողմը։
Կառքն անցավ այն գետանցքը, ուր մի տարի առաջ իշխան Անդրեյը խոսակցություն էր ունեցել Պիեռի հետ, ապա անցավ մի կեղտոտ գյուղ, կալեր, կանաչ տեղեր, մի զառիվայր, ուր տակավին ձյուն կար կամուրջի մոտ, անցավ կավոտ հեղեղատով մի վերելք, հնձած մի արտ և տեղ-տեղ կանաչող թփուտներ ու մտավ կեչու անտառը, որ տարածվում էր ճանապարհի երկու կողմը։ Անտառում համարյա թե շոգ էր, քամի չկար։ Կեչի ծառերն ամբողջովին ծածկված կանաչ կպչուն տերեներով՝ անշարժ էին, և անցած տարվա տերևների տակից նրանց բարձրացնելով, կանաչին տալով, դուրս էին գալիս առաջին խոտն ու բաց-մանիշակագույն ծաղիկները։ Կեչուտում այստեղ ու այնտեղ ցրված փոքրիկ եղևնիներն իրենց կոպիտ, մշտական կանաչով անախորժ հիշողություններ էին զարթնեցնում ձմռան մասին։ Մտնելով անտառը՝ ձիերը փնչացրին ու նկատելի կերպով քրտնեցին։
Լաքեյ Պյոտրը ինչ-որ բան ասավ կառապանին. կառապանը դրական պատասխան տվեց։ Բայց ինչպես երևում էր, կառապանի ցույց տված համակրությանը քիչ էր Պյոտրի համար, նա կառապանի կողքից թեքվեց դեպի իր պարոնը։
— Զերդ պայծառափայլություն, ի՜նչ թեթև է,— ասավ նա հարգալիր ժպտալով։
— Ի՞նչը։
— Թեթև է, ձերդ պայծառափայլություն։
«Ի՞նչ է ասում սա», մտածեց իշխան Անդրեյը. «Հա՛, գարնան մասին, ճիշտ է», մտածեց նա շուրջը նայելով։ «Ամեն ինչ արդեն կանաչ է… և որքան շուտ։ Թե՛ կեչին, թե՛ լաստենին արդեն սկսում են… իսկ կաղնին չի էլ նկատվում։ Ահավասիկ և կաղնին»։
Ճանապարհի եզրին կանգնած էր մի կաղնի։ Նա հավանորեն տասն անգամ հասակով էր անտառը կազմող կեչիներից, նա տասն անգամ հաստ և երկու անգամ բարձր էր ամեն մի կեչուց։ Դա մի հսկայական կաղնի էր, որին երկու մարդու ձեռք հազիվ վրա գար. ինչպես երեում էր նրա ճղները վաղուց էին ջարդված և կեղևը վաղուց էր ճաքճքված ու հին-հին խուլերով ծածկված։ Իր հսկայական անճոռնի, անհամաչափորեն պարզած խլխլոտած ձեռներով ու մատներով, նա իբրև մի հին, բարկացկոտ ու արհամարհոտ հրեշ կանգնել էր ժպտացող կեչիների մեջ։ Միայն անկենդան ու մշտապես կանաչ փոքրիկ եղևնիները, որ ցրված էին անտաոում, կաղնու հետ միասին չէին ցանկանում ենթարկվել գարնան հմայքին և չէին ուզում ո՛չ գարուն, ո՛չ արև։
«Գարուն, և՛ սեր, և՛ երջանկությո՜ւն,— կարծես ասում էր այդ կաղնին,— և ինչպես ձեզ չի ձանձրացնում այս միևնույն հիմար ու անմիտ խաբեությունը։ Բոլորը միևնույն է և բոլորը խաբեություն։ Չկա ոչ գարուն, ոչ արև, ոչ երջանկություն։ Նայեցեք ահա՝ նստած են ճնշված, միշտ մենակ ու անկենդան եղևնիները և ահա ես էլ պարզել եմ իմ կոտրտված, պատառոտված մատներն ամեն կողմից, որտեղից էլ որ բուսել են նրանք՝ մեջքից, կողքերից. ինչպես բուսել եմ — այնպես էլ ես կանգնած եմ և չեմ հավատում ձեր հույսերին ու ձեր խաբեություններին»։
Իշխան Անդրեյը մի քանի անգամ նայեց այդ կաղնուն. նա կարծես ինչ-որ բան էր սպասում նրանից։ Ծաղիկներ ու խոտ էր կանաչել և՛ կաղնու տակ, բայց կաղնին նույնպես խոժոռ, անշարժ, այլանդակ ու համառ կանգնած էր նրանց մեջ։
«Այո, նա իրավացի է, հազար անգամ իրավացի է այս կաղնին», մտածում էր իշխան Անդրեյը։ «Թող ուրիշները, ջահելները նորից տարվեն այդ խաբեությամբ, իսկ մենք կյանքը հասկանում ենք,— մեր կյանքը վերջացած է»։ Անհուսալի, բայց տխրորեն հաճելի նոր մտքերի մի ամբողջ շարան ծնվեց իշխան Անդրեյի հոգում այդ կաղնու առնչությամբ։ Այդ ճամփորդության միջռցին նա կարծես նորից կշռադատեց իր ամբողջ կյանքը և եկավ նույն նախկին հանգստացուցիչ ու անհուսալի եզրակացության, որ ինքը ոչինչ չպետք է ձեռնարկի և իր կյանքը մինչև վերջը պետք է ապրի առանց չարիք գործելու, առանց հուզմունքի և առանց որևէ բան ցանկանալու։
II
Ռյազանի կալվածքի խնամակալական գործերով իշխան Անդրեյը պետք է տեսներ գավառի ազնվականության պարագլխին։ Պարագլուխն Իլյա Անդրեյիչ Ռոստովն էր. և իշխան Անդրեյը մայիսի կեսին գնաց նրա մոտ։
Գարնան արդեն շոգ ժամանակն էր։ Անտառը բոլորովին ծածկվել էր տերևներով, փոշի էր և այնքան շոգ, որ ջրի մոտով անցնելիս մարդ ուզում էր լողանալ։
Իշխան Անդրեյը տխուր ու մտահոգված, թե գործի մասին ի՛նչ ու ի՛նչ պետք էր հարցնել պարագլխին, կառքով՝ այգու ծառուղով, մոտենում էր Ռոստովների Օտրադնոյի տանը։ Աջից՝ ծառերի ետևից, նա լսեց կանացի ուրախ ձայն և տեսավ մի խումբ աղջիկներ, որ վազելով անցնելու էին իր կառքի առջևիից։ Բոլորի առջևից վազելով կառքին մոտենում էր սևամազ, շատ բարակ, տարօրինակորեն բարակ, թուխ աչքերով մի աղջիկ դեղին չթե հագուստով, գլուխն սպիտակ թաշկինակով կապած, որի տակից կախ էին ընկել սանրած մազերի փնջերը։ Այդ աղջիկն ինչ-որ գոռում էր, բայց օտար մարդ տեսնելով, առանց նրան նայելու, ծիծաղելով ետ վազեց։
Հանկարծ իշխան Անդրեյը ինչ-որ մի ցավ զգաց։ Օրն այնպես լավ էր, արևն այնպես պայծառ, շուրջն ամեն ինչ ուրախ էր այնպես, իսկ այդ բարալիկ և սիրուն աղջիկը չգիտեր ու չէր էլ ուզում իմանալ նրա գոյությունը և գոհ ու երջանիկ էր իր առանձին,— գուցե հիմար,— բայց ուրախ ու երջանիկ կյանքից։ «Ինչո՞ւ է նա այդպես ուրախ։ Ինչի մասին է նա մտածում։ Իհարկե, ո՛չ զինվորական կանոնադրության մասին, ո՛չ էլ Ռյազանի կալվածային տուրքերը կարգավորելու մասին։ Ինչի՞ մասին է նա մտածում։ Եվ ինչո՞վ է նա երջանիկ», ակամա հետ աքրքրությամբ հարցնում էր ինքն իրեն իշխան Անդրեյը։
Կոմս Իլյա Անդրեյիչը 1809 թվին ապրում էր Օտրադնոյում դարձյալ այնպես, ինչպես առաջ, այսինքն՝ որսորդությամբ, թատրոններով, ճաշկերույթներով ու երաժիշտներով, և զանազան գործերով ընդունում էր նահանգի գրեթե ամբողջ բնակչության։ Նա, ինչպես և ամեն մի նոր հյուրի, այնպես էլ իշխան Անդրեյի գալուն ուրախ էր, և նրան համարյա թե զոռով պահեց գիշերելու։
Տաղտկալի օրվա ընթացքում իշխան Անդրեյին զբաղեցնում էին տան մեծերը և հյուրերից ամենապատվավորները, որոնցով՝ առաջիկա անվանակոչության առթիվ, լիքն էր ծեր կոմսի տունը։ Այդ օրը Բալկոնսկին մի քանի անգամ նայելով Նաաշային, որ ինչ-որ բանի վրա ծիծաղում և ուրախանում էր հավաքված ջահելների շրջանում,— շարունակ հարցնում էր ինքն իրեն. «Ինչի՞ մասին է նա մտածում։ Ինչի՞ վրա է նա այդքան ուրախ»։
Երեկոյան մենակ մնալով՝ իշխան Անդրեյը երկար ժամանակ չկարողացավ քնել։ Նա կարդում էր, ապա մոմը հանգցրեց ու կրկին վառեց։ Փեղկերը գոցած սենյակում տաք էր։ Նա գոհ չէր այդ հիմար ծերունուց (այդպես էր անվանում նա Ռոստովին), որ իրեն պահեց, հավատացնելով, թե անհրաժեշտ թղթերը քաղաքում են ու դեռ չեն բերված, դժգոհ էր իրենից նրա համար, որ մնաց։
Իշխան Անդրեյը վեր կացավ, մոտեցավ պատուհանին, որ բանա։ Հենց որ նա փեղկերը բացեց, լուսնի լույսը, կարծես վաղուց դարան մտած սպասում էր այդ բանին, ներս խուժեց։ Նա պատուհանը բաց արավ։ Գիշերը թարմ էր, խաղաղ ու պայծառ։ Հենց պատուհանի առաջ կային մի շարք խուզած ծառեր՝ մի կողմից սև, մյուս կողմից արծաթափայլ լուսավորված։ Ծառերի տակ կար ինչ-որ հյութալի, թաց, գանգուր բուսականություն՝ տեղ-տեղ արծաթափայլ տերևներով ու ցողուններով։ Ապա սև ծառերի այն կողմը երևում էր մի ինչ-որ ցողափայլ տանիք, աջակողմը մի մեծ գանգուր ծառ՝ սեպ-սպիտակ բնով ու ճյուղերով, իսկ նրանից վեր, գարնան պայծառ, գրեթե անաստղ երկնքում փայլում էր լիալուսինը։ Իշխան Անդրեյը արմունկներով կռթնեց պատուհանին ու աչքերը հառեց երկնքին։
Իշխան Անդրեյի սենյակը միջին հարկումն էր. նրա վերևի սենյակներում նույնպես մարդիկ էին ապրում, որոնք դեռ քնած չէին։ Նա վերևից կանացի խոսակցություն լսեց։
— Մի անգամ էլ,— ասավ վերևից կանացի ձայնը, որն իշխան Անդրեյը իսկույն ճանաչեց։
— Երբ ես քնելու, վերջապես,— պատասխանում էր մյուս ձայնը։
— Ես չեմ քնելու, ես չեմ կարող քնել, ինչ անեմ։ Դե, վերջին անգամ…
Երկու կանացի ձայն երգեցին երաժշտական մի կտոր, որը կազմում էր մի ինչ-որ երգի վերջավորությունը։
— Ախ, ի՜նչ հիանալի է։ Դե, հիմի գնանք քնելու, վերջ։
— Դու քնիր, իմ քունը չի տանում,— պատասխանեց առաջին ձայնը, որ մոտեցավ պատուհանին։ Նա ըստ երևույթին, գլուխը բոլորովին դուրս հանեց պատուհանից, որովհետև լսելի էր նրա զգեստների շրշյունը և մինչև իսկ շնչառությունը։ Ամեն ինչ լռեց ու քարացավ, ինչպես և՛ լուսինը, և՛ նրա լույսը, և՛ ստվերները։ Իշխան Անդրեյը նույնպես վախենում էր շարժվել, որպեսզի չմատնի իր ակամա ներկայությունը։
— Սոնյա՚, Սոնյա՜,— լսվեց կրկին առաջին ձայնը։— Դե, ինչպես կարելի է քնե՜լ։ Մի նայիր, թե ի՜նչ սքանչելի գիշեր է։ Ա՜հ, ինչ հիանալի է։ Դե՛, Սոնյա, զարթնիր,— ասավ նա գրեթե արտասվալի ձայնով։— Չէ որ այսպիսի հիանալի գիշեր երբեք, երբեք չի եղել։
Սոնյան ինչ-որ պատասխան տվավ դժկամությամբ։
— Դու մի նայի՜ր է, ի՜նչ լուսին է։ Ա՛հ, ինչ հիանալի է։ Դե, արի այստեղ։ Հոգիս, սիրելիս, արի՛ այստեղ։ Հը՛, տեսնո՞ւմ ես։ Այսպես նստեի ծալապատիկ, այ այսպես, ծնկներս պինդ բռնած, որքան կարելի է պինդ, ու թռչեի։ Ա՜յ այսպես։
— Հերիք է՜, վայր կընկնես։
Լսվեց քաշքշոց և Սոնյայի դժգոհ ձայնը։
— Չէ որ ժամը երկուսն է։
— Էհ, դու շարունակ տրամադրությունս փչացնում ես միայն. գնա՛, գնա՛։
Կրկին ամեն ինչ լռեց, բայց իշխան Անդրեյը գիտեր, որ նա դեռ նստած է այնտեղ, նա երբեմն անխոս շարժում էր լսում, երբեմն հառաչանքներ։
— Ա՜հ, տեր աստվա՜ծ, տեր աստվա՜ծ, սա ի՜նչ բան է,― հանկարծ բացականչեց կանացի ձայնը։— Քնել, ուրեմն քնել,― և պատուհանը փակվեց։
«Իմ գոյության մասին բնավ չեն էլ մտածում», մտածեց իշխան Անդրեյն այն ժամանակ, երբ ականջ էր դնում կանացի խոսակցության և, չգիտես ինչու, երկյուղով սպասում, որ նա մի բան կասի իր մասին։ «Դարձյալ նա է։ Եվ կարծես՝ դիտմամբ», մտածում էր նա։
Հանկարծ իշխան Անդրեյի հոգում ծայր առավ ջահել մտքերի ու հույսերի մի այնպիսի անսպասելի խառնաշփոթություն,— մտքեր ու հույսեր, որ հակասում էին նրա ամբողջ կյանքին,— որ նա իրեն անզոր գգալով՝ պարզել իր դրությունն իր համար, իսկույն ևեթ քնեց։
III
Հետևյալ օրը, միմիա՛յն կոմսին հրաժեշտ տալով և չսպասելով կանանց դուրս գալուն, իշխան Անդրեյը մեկնեց տուն։
Արդեն հունիսի սկիզբն էր, երբ նա տուն վերադառնալով, կրկին մտավ այն կեչու անտառը, ուր ծեր, խլխլոտ կաղնին այնպես տարօրինակ ու անմոռանալի կերպով զարմացրեց իշխան Անդրեյին։ Այժմ բոժոժներն ավելի խուլ էին զնգզնգում անտառում, քան ամիսուկես դրանից առաջ. ամեն ինչ լեgnւն էր, ստվերալից ու խիտ. անտառում ցրված ջահել եղևնիներն այլևս չէին խախտում ընդհանուր գեղեցկությունը և, ենթարկվեքլվ ընդհանուր վիճակին, քնքշորեն կանաչել էին խալոտ, ջահել ընձյուղներով։
Ամբողջ օրը շոգ էր․ ինչ-որ մի տեղ փոթորիկ էր պատրաստվում, բայց մի փոքրիկ ամպ միայն անձրև շաղեց ճանապարհի փոշու և հյութալի տերևների վրա։ Անտառի ձախ կողմը մութն էր, ստվերի մեջ աջը՝ թաց, պսպղում փայլում էր արևի տակ, հազիվ քամուց օրորվելով։ Ամեն ինչ ծաղկում էր. սոխակները բարձրաձայն երգում էին, նրանց ձայնը լսվում էր մերթ մոտիկից, մերթ հեռվից։
«Այո, այստեղ, այս անտառում էր այն կաղնին, որի մենք համամիտ էինք», մտածեց իշխան Անդրեյը. «Բայց ո՞ւր է նա», մտածեց կրկին իշխան Անդրեյը. նայելով ճանապարհի ձախ կողմը և, ինքն էլ չիմանալով ինչո՛ւ, նրան չճանաչելով, հիանում էր այն կաղնիով, որին որոնում էր։ Ծեր կաղնին՝ ամբողջապես կերպարանափոխված, վրանի պես տարածել էր իր հյութալի, մութ կանաչը և, հազիվ օրորվելով, ասես նվաղում էր մայր մտնող արևի շողերի տակ։ Ոչ խլխլոտ մատներ, ոչ խուլեր, ոչ նախկին անվստահությունն ու վիշտը — ոչինչ չէր երևում։ Հարյուրամյա հաստ կեղևի միջից դուրս էին եկել առանց ոստերի հյութալի, ջահել տերևներ, որ դժվար էր հավատալ, թե նրանց այդ ծերունին է կյանք տվել։ «Այո, սա հենց այն կաղնին է», մտածեց իշխան Անդրեյը, և հանկարծ նրան տիրեց ուրախության ու վերածնության գարնանային մի անառիթ զգացում։ Միևնույն ժամանակ նա հանկարծ հիշեց իր կյանքի բոլոր լավագույն րոպեները։ Թե՛ Աուստերլիցը իր բարձր երկնքով, թե՛ մեռած կնոջ հանդիմանող դեմքը, թե՛ Պիեռը լաստանավի վրա, թե՛ գիշերվա գեղեցկությունից հուզված աղջիկը, և թե այդ գիշերը, ու այդ գիշերվա լուսինը,— ու այս ամենը հանկարծ հիշեց նա։
«Ոչ, կյանքը չի վերջանում 31 տարում», հանկարծ կտրուկ որոշեց իշխան Անդրեյը. «Շատ էլ ես գիտեմ, թե ինչ կա ինձանում, հարկավոր է, որ ամենքն էլ իմանան այդ, թե՛ Պիեռը, թե՛ այդ աղջիկը, որ ուզում էր երկինք թռչել, հարկավոր է, որ նրանք, ամենքն էլ ճանաչեն ինձ, որպեսզի իմ կյանքը մենակ ինձ համար չանցնի, որպեսզի նրանք այդպես անկախ չապրեն իմ կյանքից, որ ամենքի վրա անդրադառնա իմ կյանքը և որպեսզի նրանք բոլորն ապրեն ինձ հետ միասին»։
Իր ճամփորդությունից վերադառնալով, իշխան Անդրեյը վճռեց աշնանը գնալ Պետերբուրգ և այդ որոշումն անելու համար նա զանազան պատճառներ էր հնարում։ Յուրաքանչյուր րոպե նա մի շարք խելացի, տրամաբանական պատճառներ էր գտնում, թե ինչո՛ւ իրեն անհրաժեշտ է մեկնել Պետերբուրգ և մինչև իսկ ծառայել։ Նա այժմ նույնիսկ չէր հասկանում, թե ինչպես կարող էր ինքը երբևիցե կասկածել, թե անհրաժեշտ է գործուն մասնակցություն ունենալ կյանքում, ճիշտ այնպես, ինչպես մի ամիս առաջ նա չէր հասկանում, թե ինչպես կարող էր մտածել գյուղից հեռանալու մասին։ Նրան պարզ թվում էր, որ իր բոլոր կենսական փորձերը պետք է իզուր կորչեին ու դառնային անիմաստ մի բան, եթե ինքը դրանք չգործադրեր ու նորից եռանդուն կերպով չմասնակցեր կյանքին։ Նա մինչև իսկ չէր հասկանում այն, թե ինչպես առաջ, նույնպիսի ողորմելի բանական պատճառաբանություններից ակներև էր դառնում, որ ինքը կնվաստանար, եթե այժմ կքանքի դասերից հետո կրկին հավատար օգտակար լինելու և սիրո ու երջանկության հասնելու հնարավորության։ Բանականությունն այժմ նրան թելադրում էր բոլորովին այլ բան։ Այդ ճամփորդությունից հետո՝ իշխան Անդրեյն սկսեց գյուղում տխրել, նախկին զբաղմունքներն այլևս չէին հետաքրքրում նրան և նա հաճախ, իր կաբինետում մենակ նստած, վեր էր կենում, մոտենում հայելուն և երկար նայում իր դեմքին։ Ապա ետ էր դառնում և նայում հանգուցյալ Լիզայի պատկերին, որն à la grecque ոլորուն խոպոպներով, քնքուշ ու խնդուն հայաgքով նայում էր նրան ոսկե շրջանակից։ Նա ամուսնուն այլևս չէր ասում առաջվա սարսափելի խոսքերը, նա պարզ, ուրախ ու հետաքրքիր նայում էր նրան։ Եվ իշխան Անդրեյը, ձեռները ետևը դրած, երկար անց ու դարձ էր անում սենյակում, ու մերթ դհմքը խոժոռելով, մերթ ժպտալով, նորից-նոր որոճում էր այն անմիտ, խոսքերով չարտահայտվող, ոճրի պես գաղտնի մտքերը՝ կապված Պիեռի, փառքի, պատուհանի աղջկա, կաղնու, կանացի գեղեցկության և սիրո հետ, որոնք և փոխեցին նրա ամբողջ կյանքը։ Եվ հենց այդ րոպեներին, երբ մեկը մտնում էր նրա մոտ, նա իրեն պահում էր շատ չոր, խիստ, վճռական ու մանավանդ անախորժ կերպով տրամաբանող։
— Mon cher,― երբեմն այդպիսի րոպեներին ներս մտնելով կասեր իշխանադուստր Մարիան,— Նիկոլուշկան այժմ չպետք է զբոսանքի գնա, շատ ցուրտ է։
— Եթե տաք լիներ,— առանձին չորությամբ այդպիսի րոպեներին պատասխանում էր իշխան Անդրեյը քրոջը,— նա միայն շապկով դուրս կգար, բայց քանի որ ցուրտ է, պետք է ուրեմն տաք հագուստ հագցնել, որ հենց ցրտի համար է հնարված։ Ահա՛ ինչ է պետք, երբ ցուրտ է, և ոչ թե տանը մնալ, երբ երեխային օդ է հարկավոր,— ասում էր նա առանձին տրամաբանությամբ, կարծես կամենալով մեկին պատժել իր ներքին աշխարհում կատարվող բոլոր գաղտնի, անհետևողական աշխատանքի համար։
Իշխանադուստր Մարիան այդպիսի դեպքերում մտածում էր, թե ինչպես մտավոր աշխատանքը չորացնում է տղամարդկանg։
IV
Իշխան Անդրեյը Պետերբուրգ եկավ 1809 թվի օգոստոսին։ Այդ այն ժամանակն էր, երբ երիտասարդ Սպերանսկին հասել էր իր ձեռով կատարվող հեղաշրջումների ու իր փառքի գագաթնակետին։ Այդ իսկ օգոստոսին թագավորը կառքից ընկնելից վնասեց իր ոտը և երեք շաբաթ մնաց Պետերհոֆում, ուր ամեն օր տեսնվում էր բացառապես Սպերանսկու հետ։ Այդ ժամանակ պատրաստվում էին ոչ միայն այն երկու այնքան նշանավոր և հասարակության միտքը հուզող հրովարտակները՝ պալատական կոչումները վերացնելու և կոլեժսկի ասեսորների ու ստատսկի սավետնիկներ աստիճանների համար քննություն տալու մասին, այլև պետական մի ամբողջ կոնստիտուցիա, որ պետք է փոխեր Ռուսաստանի դատական, ադմինիստրատիվ ու ֆինանսական վարչաձևը՝ պետական խորհրդից սկսած մինչև գյուղական դատարանը։ Այժմ արդեն իրագործվում ու մարմնանում էին այն անորոշ լիբերալ երազանքները, որոնցով գահ բարձրացավ Ալեքսանդր կայսրը և որոնք ձգտում էր իրականացնել նա իր օգնականներ Չարտորիժսկու, Նովոսիլցևի, Կոչուբեյի և Ստրոգոնովի օգնությամբ, որոնց նա կատակով կոչում էր comité du salut publique[1]։
Այժմ դրանց բոլորին միասին փոխարինեց Սպերանսկին՝ քաղաքացիական մասում, Արակչեևը՝ ռազմական։ Իշխան Անդրեյն իր գալուց հետո շուտով, իբրև կամերհեր, ներկայացավ արքունիքին ու հանդիսավոր ընդունելության։ Երկու անգամ հանդիպելով, թագավորը նրան ոչ մի խոսքի չարժանացրեց։ Դեռ առաջուց իշխան Անդրեյին միշտ թվում էր որ թագավորն իրեն չի սիրում, որ թագավորին հաճելի չէ իր դեմքն ու իր ամբողջ էությունը։ Այն չոր, վանող հայացքը, որով թագավորը նայեց նրան ավելի քան առաջ, հաստատեց իշխան Անդրեյի այդ ենթադրությունը։ Թագավորի այդ անուշադրությունը պալատականներն իշխան Անդրեյին բացատրեցին նրանով, թե նորին մեծությունը դժգոհ է, որ Բալկոնսկին 1805 թվից հետո չի ծառայում։
«Ես ինքս գիտեմ, թե որքան մենք անզոր ենք համակրությունների ու հակակրությունների մեջ», մտածում էր իշխան Անդրեյը, «ուստի և ոչ մի կարիք չկա մտածել այն մասին, որ անձամբ թագավորին ներկայացնեմ զինվորական կանոնադրության մասին գրածս. գործն ինքն իր մասին կխոսի»։
Նա իր գրածի մասին հայտնեց հոր բարեկամ մի ծեր ֆելդմարշալի։ Ֆելդմարշալը ժամադրություն նշանակելով, սիրալիր ընդունեց նրան և խոստացավ թագավորին զեկուցել։ Մի քանի օր հետո իշխան Անդրեյին հայտարարվեց, որ նա պետք է ներկայանա զինվորական մինիստր կոմս Արակչեևին։
Առավոտյան 9 ժամին, նշանակած օրը, իշխան Անդրեյը եկավ կոմս Արակչեևի ընդունարանը։
Իշխան Անդրեյը Արակչեևին անձամբ չէր ճանաչում և նրան երբեք չէր տեսել, բայց այն ամենը, ինչ գիտեր նրա մասին, շատ քիչ հարգանք էր ներշնչում դեպի այդ մարդոը։ «Նա զինվորական մինիստր է, թագավոր կայսեր լիզոր մարդը. ոչ ոք նկատի չպետք է առնի նրա անձնական հատկությունները. նրան հանձնված է քննել իմ նախսգիծը, հետևաբար և միայն նա կարող է ընթացք տալ դրան», մտածում էր իշխան Անդրեյը կոմս Արակչեևի ընդունարանում սպասող շատ նշանավոր ու աննշան մարդկանց շարքում։
Իշխան Անդրեյը իր, մեջ մասամբ ադյուտանտական ծառայության միջոցին նշանավոր անձանց ընդունարաններ շատ էր տեսել, և այդ ընդունարանների տարրեր բնույթը նրա համար շատ պարզ էր։ Կոմս Արակչեևի ընդունարանի բնույթը միանգամայն յուրահատուկ էր։ Կոմս Արակչեևի ընդունարանում ունկնդրության սպասող աննշան մարդկանց դեմքերին կարելի էր կարդալ ամոթանքի ու հնազանդության զգացումը. ավելի բարձրադիր անձանց դեմքերին արտահայտվում էր անհամարձակության մի ընդհանուր զգացում, որ թաքնված էր կեղծ համարձակության ու ինքնածաղրանքի դիմակի տակ, այգ ծաղրը վերաբերում էր թե՛ իրենց դրության, թե՛ սպասող մարդկանց։ Նրանցից ոմանք մտազբաղ ետ ու առաջ էին քայլում, ոմանք փսփսալով ծիծաղում էին, և իշխան Անդրեյը լսում էր Սիլա Անդրեյիչի sobriquet-ն (մականունը) և «քեռին ցույց կտա» խոսքերը, որոնք վերաբերում էին կոմս Արակչեևին։ Մի գեներալ (նշանավոր անձ), ըստ երևույթին, վիրավորված, որ ստիպված է այդքան սպասել, նստել էր ոտը ոտի վրա գցած ու ժպտում էր ինքն իրեն։
Բայց հենց որ դուռը բացվեց, բոլորի դեմքին վայրկենապես արտահայտվեց մի բան — վախ։ Իշխան Անդրեյը հերթապահին խնդրեց հաջորդ անգամը զեկուցել իր մասին, բայց նրա այդ խոսքերն ընդունեցին հեգնանքով և ասին, որ նրա հերթը կգա իր ժամանակին։ Մի քանի մարդուց հետո, որոնց ադյուտանտը տարավ ու դուրս բերեց մինիստրի կաբինետից, սարսափելի դռնից ներս մտավ մի սպա, որն իշխան Անդրեյին զարմացրեց իր նվաստացած և վախեցած տեսքով։ Սպայի ունկնդրությունը երկար տևեց։ Դռան ետևից հանկարծ լսվեց անախորժ ձայնի որոտմունք, և քիչ հետո գունատ սպան՝ գողացող շրթունքներով, դուրս եկավ այնտեղից ու գլուխը բռնած անցավ ընդունարանի միջով։
Նրանից հետո հերթր հասավ իշխան Անդրեյին, որին հերթապահը շշնջաց. «Դեպի աջ, դեպի լուսամուտը»։
Իշխան Անդրեյը մտավ ոչ շքեղ, բայց մաքուր մի առանձնասենյակ ու սեղանի մոտ տեսավ քառասուն տարեկան մի մարդ՝ երկար իրանով, կարճ խուզած երկար գլխով ու հաստ կնճիռներով, թուխ կանաչագույն աչքերի վրա հոնքերը կիտած և կախ ընկած կարմիր քթով։ Արակչեևը, առանց իշխան Անդրեյին նայելու, գլուխը թեքեց դեպի նա։
— Դո՛ւք ի՞նչ եք խնդրում։
— Ես ոչինչ չեմ… խնդրում, ձերդ պայծառափայլություն,— կամաց ասավ իշխան Անդրեյը։
Արակչեևի աչքերը դարձան դեպի նա։
— Նստեցեք,— ասավ Արակչեևը,— իշխան Բալկոնսկի՞։
— Ես ոչինչ չեմ խնդրում. թագավոր կայսրը բարեհաճել է ձեր պայծառափայլությանն ուղարկել իմ տված նախագիծը։
— Գիտեք, սիրելիս, ես ձեր նախագիծը կարդացի,— ընդհատեց Արակչեևը, միայն առաջին խոսքերն ասելով մեղմ, նորից առանց նրա երեսին նայելու և դիմելով հետզհետե ավելի ու ավելի քրթմնջող-արհամարհական եղանակի։— Զինվորական նոր օրենքներ եք առաջարկո՞ւմ։ Օրենքները շատ են, հինը կատարող չկա։ Այժմ բոլորն էլ օրենքներ են գրում. գրելը հեշտ է, քան կատարելը։
— Ես թագավոր կայսեր կամքով եկա ձեր պայծառափայլությունից իմանալու, թե ի՞նչ ընթացք եք մտադիր տալ իմ ներկայացրած նախագծին,— քաղաքավարությամբ ասավ իշխան Անդրեյը։
— Ձեր գրվածքի վրա մակագրություն եմ արել և ուղարկել կոմիտեին։ Ես հավանություն չեմ տալիս,— ասավ Արակչեևը տեղից ելնելով ու գրասեղանից մի թուղթ հանելով։— Ահավասիկ,— տվեց նա թուղթը իշխան Անդրեյին։
Թղթի վրա։ Նրա լայնությամբ, մատիտով, առանց գլխատառերի, առանց ուղղագրության, առանց կետադրության, գրված էր. «կազմված է անհիմն, որովհետև որպես նմանություն արտագրված է ֆրանսական ռազմական կանոնադրությունից, որ անտեղի շեղվում է զինվորական կանոնադրությունից»։
— Իսկ ո՞ր կոմիտեին է հանձնված իմ նախագիծը,— հարցրեց իշխան Անդրեյը։
— Զինվորական կանոնադրության կոմիտեին, առաջարկել եմ նաև ձերդ ազնվությանն ընդունեն անգամ։ Միայն առանց ռոճիկի։
Իշխան Անդրեյը ժպտաց։
— Ես չեմ էլ ցանկանում։
— Անգամ առանց ռոճիկի,— կրկնեց Արակչեևը։— Պատիվ, ունեմ։ Է՛յ, կանչիր։ Էլ ո՞վ կա,— ձայն տվեց նա՝ իշխան Անդրեյին գլուխ տալով։
V
Սպասելով կոմիտեի անդամ ընդունվելու ծանուցման, իշխան Անդրեյը վերսկսեց հին ծանոթությունները, առանձնապես այն մարդկանց հետ, որոնք ինչպես գիտեր, ուժ ունեին և կարող էին իրեն հարկավոր գալ։ Այժմ Պետերբուրգում նա նույնն էր զգում, ինչ զգում էր ճակատամարտի նախօրյակին, երբ նրան տանջում էր մի անհանգիստ հետաքրքրություն և անդիմադրելիորեն մղում դեպի բարձր շրջանները, այնտեղ, ուր պատրաստվում էր ապագան, որից կախված էր միլիոնավոր մարդկանց բախտը։ Ծերերի կատաղությունից, անտեղյակ մարդկանց հետաքրքրությունից, տեղյակների զսպվածությունից, ամենքի փութկոտությունից ու մտահոգությունից, անթիվ-անհամար կոմիտեներից ու հանձնաժողովներից, որոնց գոյության մասին նա նորից իմանում էր ամեն օր, իշխան Անդրեյն զգում էր մի ինչ-որ մեծ քաղաքացիական կռիվ, որի գլխավոր հրամանատարն իրեն անհայտ, խորհրդավոր և իրեն հանճարեղ ներկայացնող մի անձն էր — Սպերանսկին։ Եվ իրեն մութ կերպով հայտնի բարենորոգության գործն ու նրա գլխավոր գործիչ Սպերանսկին սկսեցին այնպես սաստիկ հետաքրքրել նրան, որ շուտով զինվորական կանոնադրության հարցը սկսեց նրա գիտակցության մեջ երկրորդական տեղ բռնել։
Իշխան Անդրեյը, շնորհիվ իր խոշոր կապերի, այն դրության մեջ էր, որ կարող էր լավապես ընդունվել Պետերբուրգի այն ժամանակվա հասարակության ամենաբազմազան ու բարձր շրջաններում։ Բարենորոգիչների պարտիան նրան ընդունում էր սրտաբաց ու դեպի իրեն էր քաշում նրան, նախ այն պատճառով, որ իշխան Անդրեյն ուներ խելոք և շատ կարդացած մարդու համբավ, երկրորդ՝ նրա համար, որ գյուղացիներին ազատություն տալով, նա արդեն ձեռք էր բերել լիբերալի հռչակ։ Ծերերի, դժգոհների պարտիան, որ նրան ճանաչում էր իբրև իր հոր որդու, որոնում էր նրա համակրությունը, դատապարտելով բարենորոգումները։ Կանանց հասարակությունը, բարձր շրջանները նրան ընդունում էին սրտաբաց, որովհետև նա հարուստ փեսացու էր, անվանի և համարյա թե նոր մարդ վիպական պատմության լուսապսակով զարդարված, շնորհիվ իր կարծեցյալ մահվան ու կնոջ ողբերգական վախճանի։ Բացի դրանից, բոլոր նրան ճանաչողների ընդհանուր կարծիքն այն էր, որ նա այս հինգ տարվա ընթացքում շատ էր փոխվել դեպի լավը, մեղմացել է և առնական հասակ առել, որ նրա մեջ այլևս չկան նախկին կեղծ, շինծու ձևերը, հպարտությունը և ծաղրասիրությունը, այլ կար այն հանգիստ բնավորությունը, որ ձեռք է բերվում տարիների ընթացքում։ Սկսեցին նրա մասին խոսել, նրանով հետաքրքրվում էին, և ամենքը ցանկանում էին նրան տեսնել։
Կոմս Արակչեևին այցելելու հետևյալ օրը երեկոյան իշխան Անդրեյը կոմս Կոչուբեյի մոտ էր։ Նա կոմսին պատմեց իր տեսակցությանը Սիլա Անդրեյիչի հետ (այսպես էր անվանում Կոչուբեյը Արակչեևին, նույն ինչ-որ անորոշ ծաղրանքով, որ նկատեց իշխան Անդրեյը զինվորական մինիստրի ընդունարանում)։
— Mon cher, նույնիսկ այդ գործում դուք չեք կարող մի բան անել առանց Միխայիլ Միխայլովիչի։ C’est le grand faiseur[2]։ Ես նրան կասեմ։ Նա խոստացավ երեկոյան գալ…
— Սպերանսկին ինչ գործ ունի զինվորական կանոնադրությունների հետ,— հարցրեց իշխան Անդրեյը։
Կոչուբեյը ժպտալով գլուխը շարժեց, կարծես զարմանալով Բալկոնսկու միամտության վրա։
— Մենք նրա հետ այս օրերս խոսեցինք ձեր մասին,— շարունակեց Կոչուբեյը,— խոսեցինք և ձեր ազատ երկրագործների մասին։
— Ախ, այդ դո՞ւք եք, իշխան, ազատել ձեր գյուղացիներին,— ասավ Եկատերինայի ժամանակի ծերունին, արհամարհանքով թեքվելով դեպի Բալկոնսկին։
— Փոքրիկ կալված էր, ոչ մի եկամուտ չէր բերում,— պատասխանեց Բալկոնսկին, որպեսզի իզուր չգրգռի ծերունուն, աշխատելով իր արարքը մեղմացնել նրա առաջ։
— Vous craignez d’être en retard[3],— ասավ ծերունին, Կոչուբեյին նայելով։
— Ես մի բան չեմ հասկանում,— շարունակեց ծերունին,— ո՞վ պետք է հողը հերկի, եթե գյուղացիներին ազատ ություն տրվի։ Օրենքներ գրելը հեշտ է, իսկ կառավարելը դժվար։ Միևնույն է, թե ես ձեզ հարցնեմ, կոմս, ո՞վ կլինի ատյանների պետ, եթե բոլորը գնան քննություն տալու։
— Կարծում եմ նրանք, ովքեր քննություն կբռնեն,— պատասխանեց Կոչուբեյը ոտը ոտի վրա գցելով ու շուրջը նայելով։
— Ահավասիկ, ինձ մոտ ծառայում է Պրյանիչնիկովը. հիանալի մարդ է, ոսկի մարդ, սակայն 60 տարեկան է, մի՞թե նա կերթա քննություն տալու…
— Այո, դա դժվար է, որովհետ և կրթությունը շատ քիչ է տարածված, բայց…
Կոմս Կոչուբեյը չվերջացրեց. նա ելավ և իշխան Անդրեյի ձեռը բռնելով, ընդառաջեց ներս մտնող բարձրահասակ, ճաղատ գլխով խարտյաշ մարդուն, որ կլիներ քառասուն տարեկան, ուներ մեծ բաց ճակատ և երկարավուն դեմքի անսովոր սպիտակություն։ Ներս մտնողը կապույտ ֆրակով էր, խաչը վզին և աստղը կրծքի ձախ կողմը։ Դա Սպերանսկին էր։ Իշխան Անդրեյն իսկույն ճանաչեց նրան, և նրա հոգում ինչ-որ բան շարժվեց, ինչպես այդ պատահում է կյանքի կարևոր րոպեներին։ Հարգանք էր դա, նախա՞նձ, թե՞ ակնկալություն — նա չգիտեր։ Սպերանսկու ամբողջ կերպարանքն ուներ մի առանձին տեսք, որից իսկույն կարելի էր նրան ճանաչել։ Այն հասարակությունից, որի հետ շփվում էր իշխան Անդրեյը, ոչ ոք չուներ անհամարձակ ու բութ շարժումների այդ հանդարտությունն ու ինքնավստահությունը. ոչ ոք չուներ այդ կիսախուփ և փոքր-ինչ տամուկ աչքերի այնպիսի հաստատ և միաժամանակ մեղմ նայվածքը, նա չէր տեսել այդպիսի ոչինչ չնշանակող հաստատ ժպիտ, այդպիսի բարակ, հարթ, մեղմ ձայն և, որ գլխավորն է, դեմքի և առանձնապես ձեռների այդպիսի քնքուշ սպիտակություն, ձեռներ, որ փոքր ինչ լայն էին, բայց անսովոր փափլիկ, քնքուշ ու սպիտակ։ Դեմքի այդպիսի սպիտակություն ու քնքշություն իշխան Անդրեյը տեսել էր միայն երկար ժամանակ հիվանդանոցում մնացած զինվորների երեսին։ Դա Սպերանսկին էր՝ պետական քարտուղարը, թագավորի զեկուցողը և նրա ուղեկիցը Էրֆուրտում, ուր նա մի քանի անգամ տեսնվել ու խոսել էր Նապոլեոնի հետ։
Սպերանսկին աչքերը ման չածեց մի դեմքից, մյուսը, ինչպես այդ ակամա արվում է մեծ հասարակության մեջ մտնելիս, և չշտապեց խոսել։ Նա խոսում էր կամաց, վստահ, որ իրեն պիտի լսեն, և նայում էր միայն այն մարդուն, որի հետ խոսում էր։
Իշխան Անդրեյն առանձին ուշադրությամբ հետևում էր Սպերանսկու յուրաքանչյուր խոսքին ու շարժումին։ Ինչպես այդ պատահում է մարդկանց հետ, մանավանդ այն մարդկանց, ովքեր խիստ դատել գիտեն իրենց մերձավորներին, իշխան Անդրեյը նոր մարդու հանդիպելով, մանավանդ այնպիսի մարդու, ինչպիսին Սպերանսկին էր, որին նա ճանաչում էր նրա հռչակով, միշտ ակնկալում էր նրա մեջ տեսնել մարդկային արժանավորությունների ողջ կատարելությունը։
Սպերանսկին Կոչուբեյին հայտնեց, թե ինքը ցավում է, որ չկարողացավ շուտ գալ, որովհետև պալատում ուշացրին։ Նա չասավ, որ իրեն ուշացրեց թագավորը։ Այդ կեղծ համեստությունը նույնպես նկատեց իշխան Անդրեյը։ Երբ Կոչուբեյը տվեց իշխան Անդրեյի անունը, Սպերանսկին՝ նույն ժպիտը դեմքին, աչքերը դանդաղ դարձրեց Բալկոնսկու վրա և սկսեց լուռ նայել նրան։
— Շատ ուրախ եմ ձեզ ծանոթանալուս համար, ես ձեր մասին լսել եմ, ինչպես և բոլորը,— ասավ նա։
Կոչուբեյը մի քանի խոսքով ասավ, թե Արակչեևն ինչպես է ընդունել Բալկոնսկուն։ Սպերանսկին ավելի ժպտաց։
— Զինվորական կանոնադրությունների հանձնաժողովի նախագահը՝ պարոն Մագնեցկին, իմ լավ բարեկամն է,— ասավ նա ամբողջությամբ ու պարզ արտասանելով յուրաքանչյուր վանկ և յուրաքանչյուր բառ,— և եթե դուք կամենաք, ես ձեզ կծանոթացնեմ։ (Վերջակետ դնելով՝ նա լռեց)։ Հույս ունեմ, որ դուք համակրանք կգտնեք նրա կողմից և՝ պատրաստակամություն ամեն մի խելացի գործի աջակցելու։
Սպերանսկու շուրջը հետաքրքրվողների մի խումբ կազմվեց իսկույն, և նույն ծերունին, որ խոսում էր իր պաշտոնյա Պրյանիչնիկովի մասին, մի հարց էլ ինքը տվեց Սպերանսկուն։
Իշխան Անդրեյը, առանց խոսակցության մեջ մտնելու, դիտում էր Սպերանսկու բոլոր շարժումները, այն մարդու շարժումնրը, որը քիչ առաջ մի աննշան սեմինարիստ էր, իսկ այժմ Ռուսաստանի բախտը պահում էր իր ձեռներում,— այդ սպիտակ, փափլիկ ձեռներում։ Իշխան Անդրեյին զարմացրեց այն անսովոր, արհամարհական հանդարտությունը, որով Սպերանսկին պատասխանեց ծերոլնուն։ Նա կարծես անհասանելի բարձրությունից էր ուղղում նրան իր ներողամիտ խոսքը։ Երբ ծերունին սկսեց չափից դուրս բարձր խոսել, Սպերանսկին ժպտաց և ասավ, որ ինքը չի կարող դատել այն բանի օգուտի ու վնասի մասին, ի՛նչ հաճելի է եղել թագավորին։
Ընդհանուր շրջանի մեջ փուքր-ինչ խոսելով, Սպերանսկին վեր կացավ և, իշխան Անդրեյին մոտենալով, կանչեց նրան սենյակի մյուս ծայրը։ Երևում էր, որ նա հարկ էր համարում զբաղվել Բալկոնսկիով։
— Ես, իշխան, չկարողացա խոսել ձեզ հետ այն ոգևորված զրույցի միջոցին, որ սկսեց այդ պատվելի ծերուկը,— ասավ նա հեզ արհամարհանքով ժպտալով, և այդ ժպիտով կարծես ընդունում էր, որ ինքն իշխան Անդրեյի հետ միասին հասկանում է ոչնչությունն այն մարդկանց, որոնց հետ հենց նոր խոսում էր։ Այդ վերաբերմունքը շոյեց իշխան Անդրեյի ինքնասիրությունը։— Ես ձեզ վաղուց եմ ճանաչում, նախ՝ ձեր գյուղացիների գործով, դա մեզանում առաջին օրինակն է, որին, ցանկալի է, որ շատ հետևողներ լինեն. երկրորդ նրանից, որ դուք մեկն եք այն կամերհերներից, որոնք իրենց վիրավորված չզգացին պալատական պաշտոնյաներին վերաբերող նոր հրամանից, որն այնքան մեկնաբանություններ ու զրույցներ է առաջ բերել։
— Այո,— ասավ իշխան Անդրեյը,— հայրս չէր ուզում, որ ես օգտվեմ այդ իրավունքից. ես ծառայությունս սկսեցի ցածր աստիճանից։
— Ձեր հայրը հին դարի մարդ է, բայց ինչպես երևում է բարձր է կանգնած մեր ժամանակակիցներից, որոնք դատապարտում են այդ միջոցը, որով միայն վերականգնվում է բնական արդարությունը։
— Ես կարծում եմ սակայն, որ այդ դատապարտությունները հիմք ունեն…— ասավ իշխան Անդրեյը, աշխատ ելով կռվել Սպերանսկու ազդեցության դեմ, որն արդեն սկսում էր զգալ։
Իշխան Անդրեյին անախորժ էր ամեն բանում համաձայնել նրա հետ։ Նա ուզում էր հակաճառել։ Իշխան Անդրեյը, որ սովորաբար խոսում էր թեթև ու լավ, այժմ Սպերանսկու առաջ արտահայտվելու դժվարություն էր զգում։ Նա չափազանց զբաղված էր այդ հռչակավոր մարդու անձնավորությունը դիտելով։
— Գուցե՝ հիմք անձնական փառասիրության համար,— կամաց ավելացրեց Սպերանսկին։
— Մասամբ և պետության համար,— ասավ իշխան Անդրեյը։
— Դուք ինչպե՞ս եք հասկանում,— ասավ Սպերանսկին աչքերը հանդարտ խոնարհելով։
— ես Montesquieu-ի երկրպագուներից եմ,— ասավ իշխան Անդրեյը։— Եվ նրա այն միտքը, թե le principe des monarchies est l’honneur, me parait incontestable. Certains droits et privilèges de la noblesse me paraissent être des moyens de soutenir se sentiment.[4]
Ժպիտը չքացավ Սպերանսկու սպիտակ դեմքից և նրա երեսհարքը դրանից շատ բան շահեց։ Հավանաբար իշխան Անդրեյի միտքը նրան ուշագրավ թվաց։
— Si vous envisagez la question sous ce point de vue[5],— ասավ նա ակնհայտ դժվարությամբ արտահայտվելով ֆրանսերեն ու խոսելով ավելի դանդաղ, քան ռուսերեն, բայց միանգամայն հանդարտ։
Նա ասավ, որ l’honneur-ը — պատիվը չի կարող պահպանվել այնպիսի արտոնություններով, որոնք վնասակար են ծառայության ընթացքի համար, որ պատիվը — l’honneur-ը կա՛մ դատապարտելի գործեր չկատարելու, բացասական հասկացողություն է, կա՛մ գովեստներ ու պարգևներ ստանալու մրցության աղբյուր։ Նրա ապացույցները սեղմ էին, պարզ ու հասարակ։
— Այն հաստատությունը, որ պահպանում է այդ պատիվը, մրցակցության այդ աղբյուրը նման է մեծ կայսր Նապոլեոնի Légion d’honneur-ին, որը չի վնասում, այլ նպաստում է պաշտոնի հաջողության, և որը դասային կամ արքունի առավելություն չէ։
— Ես չեմ վիճում, բայց չի կարելի ժխտել, որ արքունի արտոնությունը ձգտում էր նույն նպատակին,— աաավ իշխան Անդրեյը,— ամեն մի պալատական իրեն պատրաստ է համարում արժանավորությամբ կրել իր դիրքը։
— Բայց դուք, իշխան, չկամեցաք դրանից օգտվել,— ասավ Սպերանսկին, ժպիտով ցույց տալով, որ ցանկանում է սիրալիրությամբ վերջ տալ իր խոսակցի համար անհաճո վեճին։— Եթե դուք պատիվ անեիք չորեքշաբթի օրը շնորհ բերել ինձ մոտ,— ավելացրեց նա,— այն ժամանակ ես, Մագնիցկու հետ նախապես կխոսեմ և կհայտնեմ ձեզ այն, ինչ հետաքրքրում է ձեզ և, բացի դրանից, ուրախ կլինեմ ձեզ հետ մանրամասն զրուցելու։
Նա, աչքերը գոցելով, գլուխ տվեց և, à la française, առանց հրաժեշտ տալու մնացած մարդկանց, ու աշխատելով մնալ աննկատելի, դուրս եկավ դահլիճից։
VI
Պետերբուրգում անցրած առաջին օրերին իշխան Անդրեյն զգաց, որ իր աշխարհայացքը, որ մշակել էր առանձնության մեջ, բոլորովին մթագնել է այն մանր-մունր հոգսերով, որոնք պաշարել էին նրան Պետերբուրգում։
Երեկույթից տուն վերադառնալով, նա իր հուշատետրում նշանակում էր չորս կամ հինգ անհրաժեշտ այցելություն կամ rendez-vous նշանակած ժամերին։ Կյանքի մեխանիզմը, օրվա դասավորումն այն ձևով, որ կարողանա ժամանակին ամեն տեղ հասնել, խլում էին նրա եռանդի մեծ մասը։ Իշխան Անդրեյը ոչինչ չէր անում, ոչնչի մասին նույնիսկ չէր մտածում և չէր կարողանում մտածել, այլ միայն խոսում, հաջողությամբ խոսում էր այն մասին, ինչի մասին նախապես կարողացել էր խորհել գյուղում։
Երբեմն նա դժկամությամբ նկատում էր, որ ինքը միևնույն օրը տարբեր հասարակության մեջ կրկնում էր միևնույն բանը։ Բայց նա ամբողջ օրերով այնպես էր զբաղված, որ ժամանակ էր գտնում մտածելու, որ ինքը ոչնչի մասին չի խորհել։
Սպերանսկին, ինչպես առաջին տեսակցության ժամանակ՝ Կոչուբեյի մոտ, այնպես էլ հետո, չորեքշաբթի օրն իր տանը, ուր նա երես առ երես Բալկոնսկուն ընդունելով, երկար ու վստահորեն խոսեց, իշխան Անդրեյի վրա ուժեղ տպավորություն թողեց։
Իշխան Անդրեյն այնքան շատ մարդկանց էր չնչին ու ողորմելի էակներ համարում, որ նա սաստիկ ցանկանում էր մի ուրիշի մեջ գտնել կատարելության այն կենդանի իդեալը, որին ձգտում էր ինքը. և նա դյուրությամբ հավատաց, որ հանձին Սպերանսկու գտել է միանգամայն խելացի ու առաքինի մարդու այդ իդեալը։ Եթե Սպերանսկին էլ դուրս եկած լիներ այն հասարակությունից, որից իշխան Անդրեյն էր դուրս եկել, եթե նա լիներ նույն դաստիարակության ու բարոյական սովորույթների տեր, այդ պարագային, Բալկոնսկին ավելի շուտ կնկատեր նրա թույլ, մարդկային և ոչ հերոսական կողմերը, բայց այժմ այդ իրեն տարօրինակ թվացող տրամաբանական մտածելակերպը առավել ևս հարգանք էր ներշնչում, որովհետև նա լիովին չէր հասկանում Սպերանսկուն։ Բացի դրանից Սպերանսկին՝ նրա համար արդյոք, որ գնահատում էր իշխան Անդրեյի ընդունակություններր, թե նրա համար, որ հարկ համարեց նրան իր կողմը քաշել, շարունակ իշխան Անդրեյի առաջ կոկետություն էր անում իր անաչառ անվրդով մտածողությամբ և շոյում նրան այն նուրբ շոյանքով, որը միացած էր անձնապաստանության հետ, և որը կայանում էր նրա մեջ, որ լռելյայն կերպով իրեն ու իր խոսակցին համարում էր միակ մարդը, որ ընդունակ է հասկանալու մնացած բոլորի հիմարությունը և իրենց մտքերի խելացիությունն ու խորությունը։
Նրանց երկար զրույցի միջոցին, չորեքշաբթի երեկոյան, Սպերանսկին մի քանի անգամ ասավ. «Մեզ մոտ, ինչ դուրս է գալիս քարացած սովորույթի ընդհանուր շրջանակից», իսկ ժպիտով ասում էր. «Բայց մենք ցանկանում ենք, որ թե՛ գայլերը կուշտ լինեն, թե՛ գառները ողջ», կամ «նրանք այդ չեն կարող հասկանալ…», և բոլորն այնպիսի արտահայտությամբ, որն ասում էր, «Մենք՝ դուք և ես. մենք հասկանում ենք ի՞նչ են նրանք և ով ենք մենք»;
Սպերանսկու հետ ունեցած այս առաջին երկար խոսակցությունն ուժեղացրեց միայն իշխան Անդրեյի այն զգացումը, որով նա առաջին անգամ տեսավ Սպերանսկուն։ Իշխան Անդրեյը նրա մեջ տեսնում էր խելացի, խոհուն, մեծ խելքի տեր մարդ, որ եռանդով ու համառությամբ հասել էր իշխանության և այն գործադրում էր միայն Ռուսաստանի բարօրության համար։ Սպերանսկին իշխան Անդրեյի աչքում հենց այն մարդն էր, որ խելացի կերպով բացատրում էր կյանքի բոլոր երևույթները, կարևոր էր համարում միայն այն, ինչ խելացի էր և ամեն բանի մոտենում էր խելացիության չափանիշով, մի մարդ, որի նմանը կուզեր լինել ինքը՝ իշխան Անդրեյը։ Սպերանսկու բացատրությամբ ամեն ինչ ներկայանում էր այնպես հասարակ, պարզ, որ իշխան Անդրեյն ամեն բանում ակամա համաձայնուս էր նրան։ Եվ եթե նա առարկում ու վիճում էր, այդ միայն նրա համար, որ դիտմամբ ուզում էր ինքնուրույն երևալ և ամբողջովին չենթարկվել Սպերանսկու կարծիքներին։ Ամեն ինչ այդպես էր, ամեն ինչ լավ էր, բայց մի բան շփոթեցնում էր իշխան Անդրեյին. դա Սպերանսկու սառը, ապակե հայացքն էր,— մի հայացք, որ թույլ չէր տալիս նրա ներսը դիտելու,— և նրա սպիտակ, քնքուշ ձեռը, որին ակամա նայում էր իշխան Անդրեյը, ինչպես սովորաբար նայում են իշխանություն ունեցող մարդկանց ձեռներին։ Չգիտես ինչու, այդ ապակե հայացքը և քնքուշ ձեռը ջղայնացնում էին իշխան Անդրեյին։ Իշխան Անդրեյին անախորժ կերպով զարմացնում էր այն չափազանց մեծ արհամարհանքը դեպի մարդիկ, որ նկատում էր Սպերանսկու մեջ, և այն բազմապիսի ապացույցները, որ մեջ էր բերում նա՝ իր կարծիքները հաստատելու։ Նա գործադրում էր մտքի բոլոր հնարավոր զենքերը, բացի համեմատությունից, և ինչպես իշխան Անդրեյին թվում էր, չափազանց համարձակորեն մեկից անցնում էր մյուսին։ Մերթ դատում էր իբրև պրակտիկ գործիչ և դատապարտում երազողներին, մերթ երգիծաբանի հեգնանքով ծաղրում էր հակառակորդներին, մերթ դառնում էր խիստ տրամաբան, մերթ էլ հանկարծ թռչում էր մետաֆիզիկայի բնագավառը։ (Ապացույցների այս վերջին զենքը մանավանդ, նա հաճախ էր գործածում)։ Նա հարցը փոխադրելով մետաֆիզիկայի բարձունքները, անցնում էր տարածության, ժամանակի, մտքի բնորոշումներին, և այդ տեղից հերքումներ քաղելով, կրկին դառնում էր վիճաբանության նյութին։
Ընդհանրապես Սպերանսկու մտածողության գլխավոր գիծը, որ զարմացնում էր իշխան Անդրեյին, դա նրա աներկբայելի, անսասան հավատն էր դեպի մտքի ուժն ու օրինականությունը։ Երևում էր, որ երբեք Սպերանսկու գլխում չէր կարող ծագել իշխան Անդրեյի համար այն սովորական միտքը, թե չի կարելի այնուամենայնիվ արտահայտել այն ամենը, ինչ մտածում ես, և երբեք կասկած չէր ծագում այն մասին, թե անհեթեթություն չի՞ արդյոք այն ամենը, ինչ ես մտածում եմ, և այն ամենը, ինչի ես հավատում եմ։ Եվ Սպերանսկու հենց այդ առանձնահատուկ մտածելակերպը ամենից շատ էր գրավում իշխան Անդրեյին։
Սպերանսկու հետ ծանոթանալու առաջին օրերին իշխան Անդրեքը դեպի նա տածում էր հիացմունքի բուռն զգացում, նման այն գգացումին, որ երբեմն ուներ դեպի Բոնապարտը։ Այն հանգամանքը, որ Սպերանսկին քահանայի որդի էր, տխմար մարդկանց առիթ էր տալիս արհամարհել նրան (ինչպես և այդ անում էին շատերը), իբրև հարբեցողի և տերտերի տղայի, հենց այս հանգամանքը հարկադրում էր իշխան Անդրեյին զգուշաբար վերաբերվել դեպի Սպերանսկին ունեցած զգացմունքը և անգիտակցաբար ուժ հղացնել այն իր մեջ։
Առաջին երեկոն, որ Բալկոնսկին անցրեց Սպերանսկու մոտ, օրենքներ մշակող հանձնաժողովի մասին երկար խոսելով, Սպերանսկին հեգնանքով պատժեց իշխան Անդրեյին, որ օրենքների հանձնաժողովը գոյություն ունի 150 տարի, նստում է միլիոններ և մինչև այսօր ոչինչ չի արել, իսկ Ռոզենկրամպֆը արել է միայն այն, որ պիտակներ է կպցրել համեմատական օրենսդրության բոլոր հոդվածների վրա։
— Ահա բոլորը, ինչի համար պետությունը միլիոններ է վճարել,— ասավ նա։— Մենք ուզում ենք Սենատին նոր դատաստանական իշխանություն տալ, բայց մենք օրենքներ չունենք։ Ուստի և այնպիսի մարդիկ, որպիսին դուք եք, իշխան, մեղք է, որ այժմ չծառայեն։
Իշխան Անդրեյն ասավ, որ դրա համար, իրավաբանական կրթություն է հարկավոր, մի բան որ ինքը չունի։
— Բայց այդ ոչ ոք էլ չունի, ուրեմն դուք ի՞նչ եք ուզոլմ։ Դա մի կախարդական շրջան է, որից դուրս գալու համար պետք է ջանքեր գործ դնել։
Մի շաբաթ անց՝ իշխան Անդրեյն արդեն զինվորական կանոնադրություններ կազմող հանձնաժողովի անդամ էր և, ինչ որ բնավ չէր սպասում, նշանակվեց օրենքներ մշակող հանձնաժողովի բաժանմունքի պետ։ Սպերանսկու խնդրանքով նա հանձն առավ կազմել քաղաքացիական օրենքների առաջին մասը և Նապոլեոնի ու Հուստինյանոսի կոդեքսների օգնությամբ աշխատում էր անձանց իրավունքների մասի վրա։
VII
Երկու տարի առաջ, 1808 թվին, կալվածներում կատարած ճանապարհորդությունից Պետերբուրգ վերադառնալով, Պիեռըն ակամա Պետերբուրգի մասոնության գլուխ անցավ։ Նա հիմնում էր սեղանատներ ու ժողովարաններ, հավաքում էր նոր անդամներ, հոգ էր տանում տարբեր ժողովարաններ միացնելու և իսկական ակտեր ձեռք բերելու մասին։ Նա իր փողը տալիս էր աղոթատներ շինելու և, որքան կարող էր, լցնում էր ողորմության գանձանակը, քանի որ ողորմություն տալու մեջ անդամների մեծամասնությունը ժլատ էր ու անճշտապահ։ Նա համարյա թե մենակ իր միջոցներով էր պահում աղքատների տունը, որ միաբանությունը հիմնել էր Պետերբուրգում։
Մինչ այդ՝ նրա կյանքն անցնում էր առաջվա պես նույն հրապույրներով ու սանձարձակությամբ։ Նա սիրում էր լավ ճաշել ու խմել, և թեև անբարոյական ու ստորացուցիչ էր համարում այդ, այնուամենայնիվ չէր կարողանում իրեն զսպել և չմասնակցել ամուրիների ընկերության խրախճանքներին։
Իր զբաղմունքների ու հրապուրանքների խելահեղության մեջ սակայն, մի տարի անցնելուց հետո, Պիեռն սկսեց զգալ, որ մասոնության այն հողը, որի վրա կանգնած էր, հետզհետե գնում է իր ոտի տակից, թեև ինքն աշխատում էր ավելի ամուր կանգնել նրա վրա։ Դրա հետ միաժամանակ նա զգում էր՝ որքա՛ն խորն է իջնում իր ոտների տակի հողը, ինքն այնքա՛ն ավելի էր կապվում նրա հետ։ Երբ մասոնության մեջ մտավ՝ նա ունեցավ այն զգացումը, որով մարդ վստահությամբ ոտք է դնում ճահճի հարթ մակերևույթի վրա։ Երբ մի ոտը դրեց — խրվեց։ Որպեսզի միանգամայն հավաստիանա հողի ամրությանը՝ նա դրեց և մյուս ոտը, ու ավելի խրվեց և ակամայից արդեն ստիպված մինչև ծնկները քայլում էր ճահճի միջով։
Իոսիֆ Ալեքսեևիչը Պետերբուրգում չէր։ (Վերջին ժամանակներս նա հեռացել էր Պետերբուրգի ժողովարանի գործերից ու մշտապես ապրում էր Մոսկվայում)։ Բոլոր եղբայրները, ժողովարանի բոլոր անդամները դրսի կյանքից Պիեռին ծանոթ մարդիկ էին, ուստի և նրա համար դժվար էր նրանց համարել միայն իբրև քարտաշ եղբայրներ, և ոչ իշխան Բ., ոչ Իվան Վասիլևիչ Ղ., որոնց նա կյանքում ճանաչում էր մեծ մասամբ իբրև թույլ ու չնչին մարդիկ։ Մասոնական գոգնոցների ու նշանների տակից նա տեսնում էր նրանց մունդիրները և խաչերը, որ դժվարությամբ ձեռք էին բերել կյանքում։ Հաճախ տասն անդամի շրջանում ողորմություն հավաքելով և հաշվելով 20—30 ռուբլի, այն էլ մեծ մասամբ պարտք, անդամներ, որոնց կեսը նույնքան հարուստ էր, որքան ինքը, Պիեռը հիշում էր մասոնական երդումը, թե յուրաքանչյուր եղբայր իր ամբողջ գույքը խոստանում է տալ իր մերձավորի համար, և նրա հոգում ծագում էին կասկածներ, որոնցից աշխատում էր խույս տալ։
Պիեռն իրեն ծանոթ եղբայրներին բաժանում էր չորս կարգի. առաջին կարգում նա դասում էր այն եղբայրն երին, որոնք գործուն մասնակցություն չունեին ո՛չ ժողովարանների, ո՛չ էլ աշխարհիկ գործերում, ու զբաղված էին բացառապես միաբանության գիտության խորհուրդներով, այն է՝ աստծո երրորդության կամ իրերի երեք սկզբնավորության հարցով, որոնք են — ծծումբ, մերկուրի (սնդիկ) և աղ, կամ քառակուսու և Սողոմոնի տաճարի բոլոր պատկերների նշանակության խնդրով։ Պիեռը հարգում էր այս կարգի եղբայրներին, որոնց թվին, նրա կարծիքով, պատկանում էին առավելապես հին եղբայրները և ինքը՝ Իոսիֆ Ալեքսեևիչը, բայց ինքը հեռու էր նրանց զբաղեցնող այդ խնդիրներից։ Նրա սիրտը չէր կպչում մասոնության միստիկական կողմին։
Երկրորդ կարգում Պիեռը դասում էր իրեն և իր նման եղբայրներին, այն որոնողներին ու տատանվողներին, որ դեռ չէին գտել մասոնության ուղիղ ու հասկանալի ճանապարհը, բայց հույս ունեին գտնել։
Երրորդ կարգում նա դասում էր այն եղբայրներին (դրանց թիվն ամենից շատ էր), որոնք մասոնության մեջ տեսնում էին միայն նրա արտաքին ձևը և ծեսերը, ու առանձնապես գնահատում էին այդ արտաքին ձևի կատարումը, հոգ չտանելով բովանդակության ու նշանակության մասին։ Դրանցից էին Վիլարսկին և նույնիսկ գլխավոր ժողովարանի մեծ վարպետը։
Վերջապես, չորրորդ կարգում դասում էր եղբայրներից շատերին, որոնք եղբայրության մեջ մտել էին վերջին ժամանակները։ Պիեռի դիտողությամբ՝ դրանք այն մարդիկ էին, որ ոչ մի բանի չէին հավատում, ոչինչ չէին ցանկանում և մասոնության մեջ մտել էին միայն նրա համար, որ մտերմություն հաստատեին երիտասարդ, հարուստ և կապերով ու նշանավորությամբ ուժեղ եղբայրների հետ, որոնց թիվը ժողովարանում շատ մեծ էր։
Պիեռի գործունեությունն սկսել էր չբավարարել իրեն։ Մասոնությունը, գոնե այն մասոնությունը, որ նրան ծանոթ էր այստեղ, երբեմն նրան թվում էր, թե հիմնված է միայն արտաքին ձևերի վրա։ Նա չէր էլ մտածում կասկածել մասոնության էության մասին, բայց երկբայում էր, որ ռուսական մասոնությունն ընթացել է կեղծ ճանապարհով և շեղվել է իր իսկական աղբյուրից։ Հենց այդ պատճառով տարվա վերջին Պիեռը մեկնեց արտասահման՝ միաբանություն բարձր խորհուրդներին հասու լինելու։
Դեռ 1809 թվի ամառը Պիեռը վերադարձավ Պետերբուրգ։ Մեր մասոնների՝ արտասահմանյան եղբայրների հետ ունեցած գրագրություններից հայտնի եղավ, որ Բեզուխովը հաջողել է արտասահմանում ձեռք բերել շատ բարձրադիր անձերի վստահությունը, հասու է շատ գաղտնիքների, արժանացել է բարձր աստիճանի և իր հետ՝ Ռուսաստանի քարտաշության գործի բարեկարգության համար, շատ բան է բերում։ Գալուց հետո Պետերբուրգի բոլոր մասոնները եղան նրա մոտ. նրանք շողոքորթում էին նրան և նրանց բոլորին թվաց, թե Պիեռն ինչ-որ բան թաքցնում ու նախապատրաստում է։
Նշանակված էր երկրորդ աստիճանի ժողովարանի հանդիսավոր նիստը, ուր Պիեռը, իր խոստման համաձայն, Պետերբուրգի եղբայրներին հաղորդելու էր միաբանության բարձր ղեկավարների հանձնարարությունը։ Նիստը բազմամարդ էր։ Սովորական ծիսակատարությունից հետո՝ Պիեռը ելավ և սկսեց իր ճառը։
«Սիրելի եղբայրներ», սկսեց նա կարմրելով ու կմկմալով՝ գրած ճառը ձեռքին բռնած. «Բավական չէ ժողովարանի լռության մեջ պահպանել մեր խորհուրդները, պետք է գործել… գործել։ Մենք գտնվում ենք քնեածության մեջ, իսկ մեզ հարկավոր է գործել»։ Պիեռը վերցրեց տետրը և սկսեց կարդալ։
«Զուտ ճշմարտությունը տարածելու և առաքինության հաղթանակն ապահովելու համար,— կարդում էր նա,— մենք պետք է մարդկանց մաքրենք նախապաշարումներից, տարածենք ժամանակի ոգուն համապատասխան կանոններ, մեզ վրա վերցնենք պատանիների դաստիարակությունը, անքակտելի կապերով կապվենք ամենախելոք մարդկանց հետ, համարձակորեն ու միասին խելամտությամբ հաղթահարենք անհավատությունը և հիմարությունը, կազմակերպենք մեզ նվիրված և մեզ հետ մի նպատակի ձգտող մարդկանց, որ իշխանություն ունեն և ուժ»։
«Սույն նպատակին հասնելու համար պետք է ապահովել առաքինության գերակշռությունը մոլության հանդեպ, պետք է ջանալ, որ ազնիվ մարդն իր առաքինի գործերի համար հավիտենական վարձատրություն գտնի այս աշխարհում։ Բայց մեր այս մեծ մտադրություններին խոչընդոտ են լինում արտաքին քաղաքական շատ հաստատություններ։ Ի՞նչ անել իրերի այս վիճակում։ Նպաստե՞լ արդյոք ռևոլյուցիաներին, տապալե՞լ ամեն ինչ, ուժով վտարե՞լ ուժը… Ոչ, մենք այդ մտքից շատ հեռու ենք։ Ամեն տեսակ բռնի բարենորոգում արժանի է պարսավանքի, որովհետև դրանով մազաչափ չի ուղղվի չարիքը, քանի որ մարդիկ մնում են այնպես, ինչպես կան, և որովհետև իմաստությունը բռնության կարիք չունի»։
«Միաբանության ամբողջ ծրագիրը պետք է հիմնված լինի այն բանի վրա, որ պատրաստ ենք հաստատակամ, առաքինի և մի համոզմունքով իրար կապված մարդիկ,— մի համոզմունք, որը կայանում է նրանում, որ ամենուրեք և բոլոր ուժերով հալածեն մոլությունն ու հիմարությունը և հովանավորեն տաղանդներն ու առաքինությունը․ ոչնչությունից բարձրացնեն արժանավոր մարդկանց և մոտեցնեն մեր եղբայրության։ Միայն այն ժամանակ մեր միաբանությունը կունենա իշխանություն, այսինքն անզգալիորեն կկապի անկարգությունը հովանավորողների ձեռները և նրանց կկառավարի այնպես, որ նրանք այդ չնկատեն։ Մի խոսքով, պետք է հիմնել համորեն տիրող վարչաձև, որ տարածվեր ամբողջ աշխարհում, չխորտակելով քաղաքացիական կապերը, ըստ որում բոլոր մնացած վարչաձևերը կարող էին շարունակվել իրենց սովորական կարգով և անել ամենը, բացի միայն այն բանիցդ ինչ խոչընդոտ է լինում մեր միաբանության մեծ նպատակին, այսինքն ապահովել առաքինության հաղթանակը մոլության հանդեպ։ Սույն նպատակն առաջադրել է ինքը քրիստոնեությունը։ Նա մարդկանց ուսուցանում է լինել իմաստուն ու բարի և իր սեփական շահի համար հետևել լավագույն և ամենաիմաստուն մարդկանց օրինակին ու խրատներին»։
«Այն Ժամանակ, երբ ամեն ինչ ընկղմված էր խավարի մեջ, բավական էր, իհարկե, մի քարոզ. ճշմարտության նորությունը նրան տալիս էր առանձին ուժ, բայց հիմա մեզ առավել ուժեղ միջոցներ են հարկավոր։ Այժմ հարկավոր է, որ զգացմունքներով կառավարվող մարդն առաքինության մեջ գտնի զգայական հրապույրները։ Անկարելի է արմատախիլ անել կրքերը․ պետք է աշխատել միայն նրանց դարձնել դեպի ազնիվ նպատակներ, ուստի և հարկավոր է, որ յուրաքանչյուր ոք կարողանա իր կրքերը բավարարել առաքինության սահմաններում և որ մեր միաբանությունը միջոցներ ընձեռի այդ բանի համար»։
«Որքան շուտ մենք յուրաքանչյուր պետության մեջ ունենանք արժանավոր մարդկանց որոշ թիվ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին նորից պատրաստի մի երկու ուրիշին, և նրանք բոլորը միասին սերտորեն միանան,— այն ժամանակ ամեն ինչ հնարավոր կլինի միաբանության համար, որ արդեն գաղտնի կերպով կարողացել է շատ բան անել հօգուտ մարդկության բարօրության»։
Այս ճառը ոչ միայն ուժեղ տպավորություն գործեց, այլ և հուզմունք առաջ բերեց ժողովարանում. իսկ եղբայրների մեծամասնությունն այդ ճառի մեջ նկատելով իլլյումինատորների աղանդի վտանգավոր մտահղացումներ, Պիեռին զարմացնող սառնությամբ ընդունեց նրա ճառը։ Մեծ վարպետն սկսեց առարկել Պիեռին։ Պիեռն ավելի ու ավելի բուռն թափով սկսեց զարգացնել իր մտքերը։ Վաղուց այդպիսի փոթորկալի նիստ չէր եղել, պարտիաներ կազմվեցին. ոմանք մեղադրում էին Պիեռին, դատապարտելով նրան իլլյումինատորության համար, մյուսները պաշտպանում էին նրան։ Պիեռին առաջին անդամ այդ ժողովում զարմացրեց մարդկային մտքերի անսահման բազմազանությունը, որի արածն այն է լինում, որ ոչ մի ճշմարտություն միատեսակ չի ներկայանում երկու մարդու։ Նույնիսկ այն անդամները, որ թվում էր, թե նրա կողմն էին, նրան հասկանում էին յուրովի՝ սահմանափակումներով, փոփոխություններով, որոնց նա չէր կարող համաձայնել, որովհետև նրա գլխավոր մտահոգությունը հենց այն էր, որ իր միտքը դիմացինին հաղորդի ճիշտ այնպես, ինչպես ինքն էր հասկանում։
Նիստի վերջում մեծ վարպետն անբարյացակամությամբ ու հեգնանքով նկատողություն արավ Բեզուխովին տաքանալու համար և նրա՛ համար, որ վիճաբանության մեջ նրան ոչ թե առաքինության սերը, այլ պայքարի հրապույրն էր ղեկավարում։ Պիեռը նրան չպատասխանեց և հեզությամբ հարցրեց միայն, թե կընդունվի՞ արդյոք իր առաջարկը։ Նրան ասին, որ — ոչ, և Պիեռը, չսպասելով սովորական ձևականություններին, դուրս եկավ ժողովարանից ու գնաց տուն։
VIII
Պիեռին կրկին տիրեց այն թախիծը, որից այնպես վախենում էր նա։ Ժողովարանում արտասանած ճառից հետո նա երեք օր պառկեց տանը, բազմոցի վրա. ոչ ոքի չէր ընդունում և ոչ մի տեղ չէր գնում։
Այդ ժամանակ նա նամակ ստացավ կնոջից, որն աղաչում էր նրան տեսակցել իր հետ, գրում էր, թե կարոտել է Պիեռին և թե ցանկանում է իր ամբողջ կյանքը նվիրել նրան։
Նամակի վերջում նա հայտնում էր, որ այս օրերս արտասահմանից գալու է Պետերբուրգ։
Նամակից հետո Պիեռի առանձնարանը խուժեց շատ քիչ հարգանք վայելող եղբայր մասոններից, մեկը և Պիեռի ամուսնության վրա խոսք բանալով, իբրև եղբայրական խորհուրդ, այն միտքը հայտնեց, թե նրա խստությունը կնոջ նկատմամբ՝ անարդարացի է, և թե Պիեռը շեղվում է մասոնի առաջին կանոններից, երբ զղջացողին չի ներում։
Նույն այդ միջոցին նրա զոքանչը՝ իշխան Վասիլիի կինը, մարդ ուղարկեց նրա ետևից, աղերսելով՝ գոնե մի քանի րոպեով այցելել իրեն՝ մի շատ կարևոր գործի մասին խոսելու։ Պիեռը նկատում էր, որ դավադրություն կա իր դեմ և որ իրեն ուզում են միացնել կնոջ հետ, և այդ բանը նույնիսկ անախորժ չէր թվում նրան այն դրության մեջ, որում գտնվում էր։ Նրա համար բոլորը միևնույն էր. կյանքում ոչ մի բանի նա առանձին կարևորություն չէր տալիս, ուստի և տրտմության մեջ ո՛չ իր ազատությունն էր գնահատում, ո՛չ էլ իր համառությունը կնոջը պատժելու խնդրում։
«Չկա ոչ արդար, ոչ մեղավոր, նշանակում է նա էլ մեղավոր չէ», մտածեց նա։
Եթե Պիեռն իսկույն ևեթ համաձայնություն չտվեց կնոջը միանալու, դա միայն այն պատճառով, որ իր տխրություն մեջ անկարող էր որևէ բան ձեռնարկել։ Եթե կինը գար նրա մոտ, նա նրան հիմա դուրս չէր անի։ Մի՞թե բոլորը, միևնույն չէր՝ համեմատությամբ այն բանի, ինչ զբաղեցնում էր Պիեռին, ապրել կամ թե չապրել կնոջ հետ։
Չպատասխանելով ո՛չ կնոջը, ո՛չ զոքանչին, Պիեռը մի օր ուշ երեկոյան ճանապարհի պատրաստություն տեսավ և մեկնեց Մոսկվա՝ Իոսիֆ Ալեքսեևիչին տեսնելու։ Ահա ինչ էր գրում Պիեռն իր օրագրում։
Մոսկվա, 17 նոյեմբերի։
«Նոր միայն եկա իմ բարերարի մոտից և շտապում եմ գրի առնել այն ամենը, ինչ զգացի։ Իոսիֆ Ալեքսեևիչը խեղճ է ապրում և երրորդ տարին է, ինչ տառապում է միզապարկի տաժանելի հիվանդությամբ։ Ոչ ոք նրանից հառաչանք կամ տրտունջի խոսք չի լսել երբեք։ Առավոտից մինչև ուշ գիշեր, բացի այն ժամերից, երբ նա ուտում է իր ամենահասարակ կերակուրը, նա զբաղվում է գիտությամբ։ Ինձ ընդունեց ողորմածաբար և նստեցրեց այն մահճակալին, ուր ինքն է պառկում։ Ես նրան արևելքի և Երուսաղեմի ասպետների նշանն արի, նա ինձ պաաասխանեց նույն կերպ և հեզ ժպիտով հարցրեց, թե ինչ իմացա ու ինչ ձեռք բերի պրուսական ու շոտլանդական ժողովարաններում։ Ես բոլորը պատմեցի նրան, ինչպես կարողացա. հայտնեցի այն հիմունքները, որ առաջարկեցի Պետերբուրգի մեր ժողովարանում, հայտնեցի նաև ինձ ցույց տված վատ ընդունելության մասին և այն գժտության մասին, որ տեղի ունեցավ իմ ու եղբայրների միջև։ Իոսիֆ Ալեքսեևիչը, բավական ժամանակ լռելյայն խորհելով, այս ամենի մասին պարզեց ինձ իր հայացքը, որ մի ակնթարթում լուսավորեց ողջ անցյալն ու իմ ապագա ուղին։ Նա ինձ զարմացրեց, երբ հարցրեց, թե հիշո՞ւմ եմ արդյոք ինչի՛ մեջ է կայանում միաբանության եռակի նպատակը. 1) խորհուրդը պահպանելու և ըմբռնելու մեջ, 2) այդ խորհուրդը յուրացնելու համար սեփական անձը մաքրելու և ուղղելու մեջ և 3) մարդկային ցեղն այդպիսի մաքրության ձգտելու միջոցով ուղղելու մեջ։ Արդյոք այս երեքից ո՞րն է ամենագլխավոր ու առաջնակարգ նպատակը։ Իհարկե, սեփական անձի ուղղումն ու մաքրումը։ Անկախ բոլոր հանգամանքներից՝ մենք կարող ենք միշտ ձգտել միայն ա՛յս նպատակին։ Բայց դրա հետ միաժամանակ հենց այդ նպատակն է, որ մեզանից ամենից շատ աշխատանք է պահանջում, ուստի և հպարտությամբ մոլորված, մենք անտես անելով այդ նպատակը, ձեռք ենք զարկում կա՛մ խորհրդին, որին արժանի չենք ընդունելու մեր անմաքրության պատճառով, կա՛մ փորձ ենք փորձում մարդկային ցեղն ուղղելու, երբ ինքներս հանդիսանում ենք պղծության ու անբարոյության օրինակ։ Իլլյումինատորությունը մաքուր ուսմունք չէ հենց այն պաաճառով, որ նա տարվել է հասարակական գործունեությամբ և լի է գոռոզությամբ։ Այդ հիմունքով Իոսիֆ Ալեքսեևիչը դատապարտեց իմ ճառը և իմ ամբողջ գործունեությունը։ Ես հոգուս խորքում, համաձայնեցի նրա հետ։ Իմ ընտանեկան գործերի մասին ունեցած խոսակցության առթիվ նա ինձ ասավ. «Իսկական մասոնի գլխավոր պարտականությունը, ինչպես ասել եմ ձեզ, ինքնակատարելագործությունն է։ Բայց մենք հաճախ մտածում ենք, թե մեր կյանքի դժվարությունները մեզանից հեռացնելով, մենք ավելի շուտ կհասնենք այդ նպատակին։ Ընդհակառակը, սիրելիս,— ասավ նա ինձ։— միայն աշխարհիկ եռուզեռի մեջ կարող ենք մենք հասնել մեր երեք գլխավոր նպատակին. 1) ինքնաճանաչության, քանի որ մարդ իրեն կարող է ճանաչել միայն համեմատության միջոցով, 2) կատարելագործության, որ միայն պայքարով է ձեռք բերվում և 3) հասնել գլխավոր առաքինության, այն է՝ սեր ունենալ առ մահը։ Միայն կյանքի ձախորդությունները կարող են ցույց տալ մեզ նրա ունայնությունը և կարող են նպաստել մեր բնածին սիրուն դեպի մահը կամ նոր կյանքի վերածնությունը։ Այս խոսքերն ավելի նշանակալից են նրանով, որ Իոսիֆ Ալեքսեևիչը, չնայած իր ֆիզիկական ծանր տառապանքներին, երբեք կյանքից չի ձանձրանում, այլ սիրում է մահը, որի համար նա իրեն դեռևս բավականաչափ պատրաստված չի զգում, չնայած իր ներքին մարդու ամբողջ մաքրության ու բարձրության։ Ապա թե բարերարը բացատրեց ինձ տիեզերքի մեծ քառակուսու բովանդակ նշանակությունը և ցույց տվեց, որ բոլորի հիմքը կազմում են եռյակ և յոթերորդ թվերը։ Նա ինձ խորհուրդ տվեց՝ չխուսափել Պետերբուրգի եղբայրների հետ շփվելուց և ժողովարանում միայն 2-րդ տեղը բռնելով, աշխատել եղբայրներին հեռու պահել հպարտության հրապույրից և ինքնաճանաչության ու կատարելագործության ճշմարիտ ուղին դարձնել նրանց։ Բացի դրանից անհատապես ինձ խորհուրդ ավեց, որ ամենից առաջ հետևեմ ինքս ինձ և այդ նպատակով տվեց մի տետր, հենց այս տետրը, որի մեջ գրում եմ այժմ և այսուհետև պիտի գրեմ իմ ամբողջ վարմունքը։»
Պետերբուրգ, 23 նոյեմբերի։
«Ես նորից ապրում եմ կնոջս հետ։ Զոքանչս արցունքն աչքերին եկավ ինձ մոտ և ասավ, թե Էլենն այստեղ է ու ինձ աղաչում է լսել իրեն, թե նա անմեղ է ու դժբախտ թողնելուս պատճառով, և շատ ուրիշ բաներ։ Ես գիտեի, որ եթե թույլ տամ գա ինձ տեսնելու, ես այլևս անկարող պիտի լինեմ մերժել նրա ցանկությունը։ Իմ կասկածանքի մեջ ես չգիտեի ո՛ւմ օգնությանը և խորհրդին դիմեմ։ Եթե բարերարն այստեղ լիներ, նա ինձ կասեր։ Ես առանձնացա իմ սենյակում, նորից կարդացի Ալեքսեևիչի նամակները, հիշեցի նրա հետ ունեցած զրույցներս ու այդ բոլորից մի եզրակացություն արի, որ խնդրողին չպետք է մերժել, պետք է ձեռք մեկնել ամենքին, մանավանդ մի մարդու, որ այնպես կապված է ինձ, ուստի և պետք է կրեմ իմ խաչը։ Բայց քանի որ ես հանուն առաքինության ներեցի նրան, թող ուրեմն և իմ կապը նրա հետ ունենա միայն հոգևոր նպատակ։ Ես այսպես որոշեցի ու այսպես գրեցի Իոսիֆ Ալեքսեևիչին։ Ես կնոջս ասի, թե խնդրում եմ մոռանալ ամբողջ անցյալը և ներել ինձ այն բոլորը, ինչով կարող էի մեղավոր լինել նրա առաջ, և որ ես նրան ներելու բան չեմ գտնում։ Ինձ համար ուրախալի էր ասել նրան այդ։ Թող նա չիմանա, թե որքան ծանր էր ինձ համար նորից նրան տեսնելը։ Տեղավորվել եմ մեծ տան վերին հարկում և վերածնության երջանիկ զգացում եմ ապրում»։
IX
Ինչպես միշտ, այն ժամանակ էլ բարձր հասարակությունը հավաքվելով արքունիքում ու մեծ պարահանդեսներում, բաժանված էր մի քանի խմբերի, որոնց յուրաքանչյուրն ուներ իր երանգը։ Դրանց թվում ամենամեծ խումբը ֆրանսականն էր՝ նապոլեոնական միության խումբը — կոմս Ռումյանցևինը և Caulaincourt-ինը։ Այդ խմբում ամենաաչքի ընկնող տեղերից մեկը գրավեց Էլենը, հենց որ ամուսնու հետ հաստատվեց Պետերբուրգում։ Նրա մոտ լինում էին ֆրանսական դեսպանատան պաշտոնյաներ և մեծ թվով ուրիշ մարդիկ, որ հայտնի էին իրենց խելքով ու սիրալիրությամբ և պատկանում էին այդ ուղղության։
Էլենը կայսրների հռչակավոր տեսակցության ժամանակ եղել էր Էրֆուրտում և այնտեղից արդեն կապեր էր հաստատել Նապոլեոնի բոլոր աչքի ընկնող կողմնակիցների հետ։ Էրֆուրտում նա փայլուն հաջողություն էր ունեցել։ Ինքը՝ Նապոլեոնը, թատրոնում նրան տեսնելով, նրա մասին ասել էր. «C’est un superbe aninal»[6]։ Նրա հաջողությունը, իբրև գեղեցիկ ու նազելի կնոջ, Պիեռին չէր զարմացնում, որովհետև տարիներ անցնելուց հետո, նա ավելի էր գեղեցկացել, քան առաջ էր։ Բայց նրան զարմացնում էր այն, որ այս երկու տարվա մեջ կինը ձեռք է բերեւ «d’une femme charmante, aussi spirituelle, que belle»[7] համբավ։ Հայտնի prince de Ligne նամակներ էր գրում նրան, ութ երեսի վրա, Բիլիբինն իր բոլոր սուր խոսքերը պահում էր, որ առաջին անզամ ասի կոմսուհի Բեզուխովայի մոտ։ Կոմսուհի Բեզուխովայի սալոնում ընդունված լինելը համարվում էր խելքի վկայական. երիտասարդ մարդիկ՝ նախքան երեկույթի գնալը, գրքեր էի կարդում, որ նյութ ունենան սալոնում խոսելու, իսկ դեսպանտաների քարտուղարները և նույնիսկ դեսպանները, դիվանագիտական գաղտնիքներ էին վստահում նրան, այնպես որ Էլենը մի տեսակ ուժ էր ներկայացնում իրենից։ Պիեռը, որ շատ լավ գիտեր, թե իր կինը շատ հիմար է, երբեմն տարակուսանքի ու վախի տարօրինակ զգացումով ներկա էր լինում նրա երեկույթներին ու ճաշերին, ուր խոսվում էր քաղաքականության, բանաստեղծության ու փիլիսոփայության մասին։ Այդ երեկույթներին նա իրեն այնպես էր զգում, ինչպես ձեռնածուն է զգում ամեն րոպե սպասելով, թե ահա՛ ուր որ է իր խաբեբայությունը կբացվի։ Բայց այն պատճառով արդյոք, որ այդպիսի սալոն կառավարելու համար հարկավոր է իսկապես հիմարություն, թե՞ այն պատճառով, որ խաբվողներն իրենք բավականություն էին զգում այդ խաբեբայությունից, խաբեբայությունը չէր բացվում և «սքանչելի ու խելոք կնոջ համբավը» անխախտորեն հաստատվեց Էլենա Վասիլևնա Բեզուխովայի անվան շուրջը, որ նա կարող էր ասել ամենամեծ գռեհկություններն ու հիմարությունները, և այնուամենայնիվ բոլորը հիանում էին նրա ամեն մի խոսքով ու նրա ասածների մեջ գտնում էին խորը իմաստ, որպիսին նա ինքը չէր էլ ենթադրում։
Պիեռն իսկապես հարմար ամուսին էր մի այդպիաի մեծ դիրք ունեցող փայլուն կնոջ համար։ Նա այն ցրված պարզամիտ մարդն էր, մի մեծ բարին էր, մի արիստոկրատ ամուսին, որ ոչ ոքի չի խանգարում և ոչ միայն չի փչացնում սալոնի բարձր տոնը և ընդհանուր տպավորությունը, այլև, հակոտնյա հանդիսանալով նուրբ ու բարեկիրթ ձևեր ունեցող կնոջը, հարմար ֆոն էր ծառայում նրա համար։ Պիեռն այս երկու տարվա մեջ շարունակ զբաղվելով աննյութ խնդիրներով և անկեղծորեն արհամարհելով բոլոր մնացածը, իրեն չհետաքրքրող՝ կնոջ հասարակության մեջ բոլորի նկատմամբ յուրացրել էր անտարբերության, անփութության ու բարեհաճության այն տոնը, որը ձեռք չի բերվում արհեստականորեն և դրա համար ակամա հարգանք է ներշնչում։ Նա իր կնոջ հյուրասրահը մտնում էր այնպես, ինչպես թատրոն, բոլորին ծանոթ էր, սիրալիր բոլորի հանդեպ և հավասարապես անտարբեր դեպի բոլորը։ Երբեմն նա միջամտում էր իրեն հետաքրքրող խոսակցության՝ առանց նկատի ունենալու՝ կայի՞ն այդտեղ դեսպանատան պարոններ, թե ոչ, շշնջալով հայտնում էր իր կարծիքները, որոնք երբեմն միանգամայն ոչ համապատասխան, ոչ էլ հարմար էին լինում տվյալ վայրկյանին։ Բայց Պետերբուրգի ամենանշանավոր կնոջ ամուսնու պարզամտության մասին եղած կարծիքն այնպես էր հաստատվել, որ ոչ ոք նրա ասածներին լուրջ նշանակություն չէր տալիս։
Ամեն օր Էլենի տունն այցելող շատ երիտասարդների թրվում Բորիս Դրուբեցկոյը, որ ծառայության մեջ արդեն բավական առաջ էր գնացել, Էլենի էրֆուրտից վերադառնալուց հետո, ամենամոտիկ մարդն էր Բեզուխովների տանը։ Էլենը նրան անվանում էր «իմ մանկլավիկ» և հետը վարվում էր իբրև երեխայի։ Էլենը Բորիսին էլ ժպտում էր այնպես, ինչպես բոլորին, բայց երբեմն Պիեռի համար անախորժ էր տեսնել այդ ժպիտը։ Բորիսը Պիեռին վերաբերվում էր հատուկ, արժանավայել ու տխուր հարգանքով։ Հարգանքի այդ երանգը նույնպես անհանգստացնում էր Պիեռին։ Երեք տարի առաք կնոջ հասցրած վիրավորանքից նա այնքան շատ էր տանջվել, որ այժմ աշխատում էր փրկել իրեն նման վիրավորանքի հնարավորություեից՝ նախ նրանով, որ նա իր կնոջ ամուսինը չէր, երկրորդ նրանով, որ նա իրեն թույլ չէր տալիս կնոջ մասին կասկածելու։
— Ոչ, այժմ bas bleu դառնալով, նա ընդմիշտ հրաժարվել է նախկին հրապուրանքներից,— ասում էր նա ինքն իրեն։— Չի եղել մի օրինակ, որ bas bleu-ները սիրային հափշտակություններ ունենային,— կրկնում էր նա ինքն իրեն՝ չգիտես որտեղից քաղած այդ կանոնը, որին ինքն անկասկած հավատում էր։ Բայց, տարօրինակ բան, Բորիսի ներկայությունը կնոջ հյուրասենյակում (իսկ նա լինում էր համարյա միշտ) ֆիզիկապես ազդում էր Պիեռի վրա, դա կաշկանդում էր նրա ձեռ ու ոտը, ոչնչացնում էր նրա շարժումների ազատությունն ու անգիտակցությունը։
«Այսպիսի տարօրինակ հակակրություն», մտածում էր Պիեռը, «իսկ նա նույնիսկ շատ էր դուր գալիս ինձ»։
Բարձր շրջաններում Պիեռը մեծ բարին էր, նշանավոր կնոջ փոքր֊ինչ կույր ու ծիծաղելի ամուսին, խելացի և պարզամիտ, ոչ մի գործ չանող, բայց և ոչ ոքի չվնասող, հիանալի ու բարի մարդ։ Այնինչ այդ ամբողջ ժամանակի ընթացքում, Պիեռի հոգում կատարվում էր ներքին զարգացման մի բարդ ու դժվարին աշխատանք, որ շատ բան էր պարզել նրա համար և շատ հոգևոր կասկածների ու ուրախության դուռ բացել նրա առաջ։
X
Պիեռն իր օրագիրը շարունակում էր, և ահա թե ինչ էր գրել նա այդ ժամանակի ընթացքում։
24 նոյեմբերի։
«Վեր կացա ժամը 8֊ին, կարդացի ս. գիրքը, ապա գնացի պաշտոնի (Պիեռը բարերարի խորհրդով ծառայության էր մտել կոմիտեներից մեկը), ճաշին վերադարձա, մենակ ճաշեցի (կոմսուհու մոտ շատ հյուրեր կան, որ հաճելի չեն ինձ), կերա ու խմեցի չափավոր և ճաշից հետո գրվածքներ արտագրեցի եղբայրների համար։ Երեկոյան մտա կոմսուհու հարկաբաժինը և մի զավեշտական պատմություն արի Բ.֊ի մասին, և միայն այն ժամանակ, երբ բոլորը ծիծաղեցին, հիշեցի, որ այդպիսի բան չպետք է անեի։
Պառկում եմ քնելու երջանիկ ու հանգիստ հոգով։ Տեր ամենակալ, օգնի՛ր ինձ քո ճանապարհով ընթանալու, 1) զայրույթը հաղթելու հեզությամբ, համբերատարությամբ 2) պագշուտությունը՝ ժուժկալությամբ ու զզվանքով, 3) հեռանալ աշխարհի ունայնությունից, բայց չկտրվել ա) պետական գործերի ծառայությունից, բ) ընտանեկան հոգսերից, գ) ընկերական հարաբերություններից և գ) տնտեսական զբաղմունքներից»։
27 նոյեմբերի։
«Արթնացա ուշ և, զարթնելով, երկար պառկեցի անկողնուս վրա՝ ծուլությանս անձնատուր։ Տեր աստված։ օգնիր ինձ և ամրապնդիր ինձ, որ կարողանամ ընթանալ քո ճանապարհով։ Կարդացի ս. գիրքը, բայց առանց համապատասխան զգացմունքի։ Եկավ եղբայր Ուրուսովը. խոսեցինք աշխարհի ունայնության վրա։ Նա պատմեց թագավորի նոր նախագծումների մասին։ Ես քիչ էր մնում դատապարտեի, բայց իսկույն հիշեցի իմ կանոնները և մեր բարերարի խոսքերն այն մասին, թե իսկապես մասոնը պետք է եռանդուն գործիչ լինի պետության մեջ, երբ պահանջվում է նրա մասնակցությունը և հանգիստ գիտի այն, ինչի ինքը կոչված չէ։ Իմ լեզուն — իմ թշնամին է։ Այցելեցին ինձ եղբայրներ Գ. Վ. և Օ., միասին զրույց պատրաստեցինք նոր եղբայր ընդունելու համար։ Ռիտորի պարտականությունը նրանք դնում են ինձ վրա։ Ես ինձ այդ բանի համար թույլ և անարժան եմ զգում։ Ապա խոսք բացվեց տաճարի յոթը սյուների և աստիճանների բացատրության մասին. 7 գիտություն, 7 առաքինություն, 7 մոլորություն և սուրբ հոգու 7 շնորհ։ Եղբայր Օ.-ն շատ պերճախոս էր։ Երեկոյան կատարվեց ընդունելությունը։ Շենքի նոր սարքը շատ նպաստեց տեսարանի վեհության։ Ընդունվեց Բորիս Դրուբեցկոյը։ Նրան ես առաջարկեցի և ես եղա ռիտոր։ Բոլոր ժամանակ, երբ նրա հետ մութ տաճարում երկուսով էինք, ինձ հուզում էր մի տարօրինակ զգացում։ Ես իմ մեջ նրա վերաբերմամբ նկատեցի ատելության զգացում, որն իզուր ձգտում էի հաղթահարել։ Ուստի և ես անկեղծորեն կցանկանայի փրկել նրան չարից ու կանգնեցնել ճշմարտության ճանապարհի վրա, բայց նրա մասին եղած վատ մտքերն ինձնից չէին հեռանում։ Ինձ թվում էր, որ եղբայրության մեջ մտնելով, նա նպատակ ուներ մտերմանալ մարդկանց և սիրված լինել ժողովարանում գտնվողների կողմից։ Բացի այն հիմունքներից, որ մի քանի անգամ հարցրեց, թե գտնվո՞ւմ են արդյոք մեր ժողովարանում N. և S. (որ ես չէի կարող պատասխանել), բացի այն, որ նա, ըստ իմ դիտողությունների, անընդունակ է հարգանք զգալու դեպի մեր սուրբ միաբանությունը և անչափ զբաղված ու գոհ է արտաքին մարդով, որպեսզի հոգևոր բարելավում ցանկանա, ես այնուամենայնիվ հիմք չգտա նրան կասկածելու. բայց նա ինձ թվաց ո՛չ անկեղծ, և բոլոր ժամանակ, երբ ես նրա հետ երես առ երես կանգնած էի մութ սենյակում, ինձ թվում էր, թե նա արհամարհանքով ժպտում է իմ խոսքերի վրա, և այդ ժամանակ ես իսկապես ուզում էի նրա մերկ կուրծքը խրել այն սուրը, որ բռնել էի նրա դեմ։ Ես չկարողացա պերճախոս լինել, չկարողացա նաև անկեղծորեն իմ ասածը հայտնել եղբայրներին ու մեծ վարպետին։ Բնության մեծ ճարտարապե՛տ, օգնի՛ր ինձ գտնելու ճշմարիտ ուղիներ, որ դուրս գամ ստության այս լաբիրինթոսից»։
Սրանից հետո օրագրում բաց էր թողնված երեք թերթ և ապա գրված էր հետևյալը։
«Խրատական և երկար խոսակցություն ունեցա եղբայր Վ.֊ի հետ առանձին. նա ինձ խորհուրդ տվեց մերձենալ եղբայր Ա.֊ին։ Շատ բան հայտնի եղավ ինձ՝ անարժանիս։ Ադոնա՛յի — աշխարհն ստեղծողի անունն է։ Էլո՛իմ — ամեն ինչ կառավարողի անունը։ Երրորդ անունը անասելի անուն է, որ ընդհանրականի նշանակություն ունի։ Եղբայր Վ.֊ի հետ ունեցած զրույցներն ամրապնդում, թարմացնում էին ինձ և հաստատում իմ քայլերն առաքինության ճանապարհին։ Նրա ներկայությամբ կասկածի տեղ չի մնում։ Ինձ համար արդեն պարզ է այն տարբերությունը, որ կա հասարակական գիտությունների աղքատ ուսմունքի և մեր՝ ամեն ինչ ընդգրկող սրբազան գիտության միջև։ Մարդկային գիտություններն ամեն բան ստորաբաժանում են, որ հասկանան, ամեն բան սպանում են, որ քննեն։ Միաբանության սրբազան գիտության մեջ բոլորն անբաժանելի է, միասնական, ամեն բան ճանաչվում է իր ամբողջության և կյանքի մեջ։ Երրորդությունը — իրերի երեք սկզբնավորությունը — ծծումբն է, սնդիկը և աղը։ Ծծումբը յուղային և կրակե հատկություն ունի. նա աղի հետ միասին իր հրեղեն հատկությամբ նրա մեջ հարուցանում է ծարավ, որի միջոցով դեպի իրեն է ձգում սնդիկը, բռնում նրան, պահում ու միացած արտադրում առանձին մարմիններ։ Սնդիկը հեզուկ ու թռչող հոգևոր էություն է։— Քրիստոսը, Սուրբ հոգին, Նա»։
13 դեկտեմրերի։
«Զարթնեցի ուշ, կարդացի ս. գիրքը, բայց անզգա էի։ Հետո դուրս եկա և շրջեցի դահլիճում։ Ուզում էի խորհրդածել, բայց դրա փոխարեն երևակայությանս մեջ պատկերացավ մի դեպք, որ տեղի է ունեցել չորս տարի առաջ։ Պարոն Դոլոխովը մենամարտից հետո, Մոսկվայում պատահելով՝ ինձ ասավ, թե ինքը հույս ունի, որ ես այժմ վայելում եմ հոգեկան լիակատար անդորրություն, չնայած կնոջս բացակայության։ Ես այն ժամանակ ոչինչ չպատասխանեցի։ Հիմա ես հիշեցի այդ տեսակցության բոլոր մանրամասնությունները և իմ հոգում նրան ասի ամենաչոր խոսքեր և կծու պատասխաններ։ Ես ուշքի եկա և այդ միտքը թողի այն ժամանակ, երբ տեսա ինձ ցասման բռնկման մեջ, բայց դրա համար քիչ զղջացի։ Հետո եկավ Բորիս Դրուբեցկոյը և սկսեց զանազան արկածներ պատմել, իսկ ես հենց նրա գալու րոպեից դժգոհ մնացի ու ինչ-որ հակառակ բան ասի նրան։ Նա առարկեց և ես ուշքի եկա միայն այն ժամանակ, երբ արդեն ուշ էր։ Ես բռնկվեցի և ասացի նրան բազմաթիվ անախորժ ու նույնիսկ կոպիտ բաներ։ Տեր իմ աստված, ես ամենևին չեմ կարողանում նրա հետ վարվել։ Դրա պատճառն իմ ինքնասիրությունն է։ Ես ինձ նրանից բարձր եմ դասում, ուստի և դառնում եմ առավել վատթար, այնինչ նա ներողամիտ է դեպի իմ կոպտությունները, իսկ ես, ընդհակառակը, արհամարհանք եմ տածում դեպի նա։ Տեր իմ, թող որ նրա ներկայությամբ ավելի լավ տեսնեմ իմ պղծությունը և վարվեմ այնպես, որ այդ նրա համար էլ օգտակար լինի։ Ճաշից հետո քնեցի, նույն ժամանակ, երբ քնած էի, պարզ լսեցի մի ձայն, որ ձախ ականջիս ասում էր. «Քո օրն է»։
Երազիս տեսա, որ քայլում եմ մթության մեք և հանկարծ շրջապատվում եմ շներով, բայց գնում եմ անվախ, դրանցից մի փոքրիկ շուն հանկարծ ատամներով բռնեց ձախ ազդրիցս ու բաց չէր թողնում։ Ես սկսեցի ձեռներով սեղմել նրան։ Ու նրան պոկեցի թե չէ, մի ուրիշ ավելի մեծը, սկսեց կրծել ինձ։ Ես սկսեցի նրան բարձրացնել և որքան շատ էի բարձրացնում, այնքան նա մեծանում էր ու ծանրանում։ Բայց հանկարծ եղբայր Ա.֊ն գալով և իմ թևն անցնելով, ինձ տարավ հետն ու մոտցրեց մի շենքի, ուր մտնելու համար պետք էր անցնել մի նեղ տախտակի վրայով։ Ես ոտս դրի դրա վրա՝ տախտակը ծռվեց ու ընկավ, և ես սկսեցի բարձրանալ ցանկապատը, որին ձեռներս հազիվ էին հասնում։ Մեծամեծ ջանքերից հետո ես մարմինս քաշ տվի այնպես, որ ոտներս կախվել էին մի կողմ, իսկ մարմինս՝ մյուս։ Ես շուրջս նայեցի և տեսա, որ եղբայր Ա.֊ն կանգնել է ցանկապատի վրա ու ինձ ցույց է տալիս մի մեծ ծառուղի և այգի, և այգում էլ մի մեծ, գեղեցիկ շենք։ Զարթնեցի։ Տեր, բնության մեծ ճարտարապետ, օգնիր ինձ, որ կարողանամ ինձնից պոկել շներին — իմ կրքերը — և նրանցից վերջինին, որն իր մեջ միացնում է բոլոր նախկին կրքերի ուժը, և օգնիր ինձ մտնելու առաքինության այն տաճարը, որի տեսության արժանացա երազում»։
7 դեկտեմբերի։
«Երազիս տեսա՝ իբր Իոսիֆ Ալեքսեևիչը նստած է իմ տանը, և ես շատ ուրախ եմ ու ցանկանում եմ նրան հյուրասիրել։ Իբր թե ես կողմնակի մարդկանց հետ անվերջ շատախոսում եմ և հանկարծ հիշում, որ այդ Իոսիֆ Ալեքսեևիչին չի կարող դուր գալ, և ուզում եմ մոտենալ նրան ու գրկել։ Բայց հենց որ մոտենում եմ, տեսնում եմ, որ նրա դեմքը կերպարանափոխվում է, դառնում է ջահել և նա կամաց ինչ-որ բան է ասում ինձ միաբանության ուսմունքից, այնպես կամաց, որ ես պարզ լսել չեմ կարողանում։ Ապա, իբր մենք բոլորս դուրս ենք գալիս սենյակից, և այդտեղ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում։ Մենք նստած կամ պառկած էինք հատակին։ Նա ինչ-որ բաներ է ասում ինձ։ Իսկ ես իբր ուզում էի իմ զգայունությունը ցույց տալ, և առանց նրա ճառը լսելու, սկսեցի երևակայել իմ ներքին մարդու դրությունը և ինձ հասած աստծո ողորմությունը։ Եվ իմ աչքերում երևացին արցունքներ, և ես գոհ էի, որ նա այդ նկատեց։ Բայց նա տհաճությամբ նայեց ինձ ու վեր թռավ, խոսակցությունն ընդհատելով։ Ես շփոթվեցի և հարցրի, թե արդյոք ինձ չի վերա բերում նրա ասածը, բայց նա ոչինչ չպատասխանեց, ցույց տվեց իր մեղմ դեմքը և հետո հանկարծ մենք մեզ տեսանք մի ննջարանում, ուր դրված էր երկտեղանի մի մահճակալ։ Նա պառկեց մահճակալի եզրին, իսկ ես իբր թե բուռն կերպով ցանկանում էի վայփայել նրան և նույն տեղը պառկել։ Եվ նա իբր թե հարցնում էր ինձ. «Ճիշտն ասացեք, ո՞րն է ձեր գլխավոր կիրքը. ճանաչե՞լ եք այն։ Ես կարծում եմ, որ դուք արդեն ճանաչել եք»։ Ես այս հարցից շփոթված, պատասխանեցի, թե ծուլությունն է իմ գլխավոր կիրքը։ Նա գլուխը շարժեց թերահավատությամբ։ Դրանից ավելի շփոթված՝ պատասխանեցի, որ ես թեև նրա խորհրդով ապրում եմ կնոջս հետ, բայց ապրում եմ ոչ իբրև ամուսին։ Դրան նա առարկեց, որ չպետք է կնոջս զրկեմ իմ գուրգուրանքից և զգացնել տվեց, որ դրա մեջ է իմ պարտականությունը։ Բայց ես պատասխանեցի, թե ամաչում եմ այդ բանից.— և հանկարծ ամեն ինչ չքացավ։ Եվ ես զարթնեցի ու մտքերիս մեջ կարդացի ս. գրքի հետևյալ խոսքերը. «Եվ կյանքն էր լույս մարդկան, և լույսն ի խավարի անդ լուսավորե, և խավար նմա ոչ եղև հասու»։ Իոսիֆ Ալեքսեևիչի դեմքը ջահել էր և պայծառ։ Այդ օրը բարերարիցս նամակ ստացա, որի մեջ նա գրում էր ամուսնական պարտականությունների մասին»։
9 դեկտեմբերի։
«Երազ տեսա, որից արթնացա թրթռացող սրտով։ Տեսա, որ իբր Մոսկվայումն եմ՝ իմ տանը, մեծ բազմոցարանում և հյուրասրահից դուրս է գալիս Իոսիֆ Ալեքսեևիչը։ Ես իբր թե իսկույն իմացա, որ նրա հետ վերածնության պրոցես է կատարվել, ու վազեցի նրան ընդառաջ։ Իբր ես համբուրում եմ նրան ու նրա ձեռները, իսկ նա ասում է. «Նկատեցի՞ր արդյոք, որ դեմքս փոխված է։ Ես, շարունակելով նրան իմ գրկում պահել նայեցի նրան և իբր տեսնում եմ, որ նրա դեմքը ջահելացել է, բայց գլխին մազ չկա, իսկ դիմագծերն էլ բոլորովին այլ են։ Եվ իբր թե ես ասում եմ նրան. «Ես ձեզ կճանաչեի, եթե պատահաբար էլ հանդիպեի», և միաժամանակ մտ ածում եմ. «Արդյոք ճի՞շտ ասի»։ Եվ հանկարծ տեսնում եմ, որ նա պառկած է, ինչպես դիակ. ապա կամաց կամաց ուշքի է գալիս և ինձ հետ մտնում մեծ կաբինետը, ձեռին մի մեծ գիրք բռնած, որ գրված է ալեքսանդրյան թղթի վրա։ Եվ ես իբր թե ասում եմ. «Այո՛, ես եմ գրել»։ Եվ նա ինձ պատասխանում է գլուխը խոնարհելով։ Ես բացում եմ գիրքը, և իբր թե տեսնում եմ, որ նրա բոլոր էջերը գեղեցիկ նկարված են։ Եվ իբր թե ես գիտեմ, որ այդ պատկերները ներկայացնում են հոգու սիրային արկածներն իր սիրեցյալի հետ։ Եվ իբր թե այդ էջերի վրա ես տեսնում եմ դեպի ամպերը թռչող թափանցիկ հագուստով ու թափանցիկ մարմնով մի կույսի գեղեցիկ պատկերը։ Եվ իբր թե ես գիտեմ, որ այդ կույսը ոչ այլ ինչ է, բայց եթե Երգ֊Երգոցի պատկերացումը։ Եվ իբր այդ պատկերներին նայելով, ես զգում եմ, որ վատ բան եմ անում, բայց և չեմ կարողանում կտրվել նրանից։ Տե՛ր, օգնի՛ր ինձ։ Տեր աստված, եթե ինձ այսպես անտեր թողնելը քո գործն է, թո՛ղ ուրեմն քո կամքը լինի. իսկ եթե ես ինքս եմ պատճառել ինձ այդ, ուստի սովորեցրու ինձ՝ ինչ անեմ։ Կխորտակվեմ ես իմ անառակությունից, եթե դու բոլորովին աչքաթող անես ինձ»։
XI
Ռոստովների դրամական գործերը չլավացան այն երկու տարվա ընթացքում, որ նրանք անցրին գյուղում։
Չնայած որ Նիկոլայ Ռոստովն իր մտադրությանը հաստատ մնալով, շարունակում էր համեստորեն ծառայել գնդում, ծախսելով համեմատաբար քիչ փող, բայց կյանքը Օտրադնոյում ընթանում էր այնպես, և մանավանդ Միտենկան այնպես էր տանում գործերը, որ յուրաքանչյուր տարի պարտքերն աճում էին անզուսպ կերպով։ Միակ օգնությունը, որ, ըստ երևույթին, ներկայանում էր ծեր կոմսին, դա ծառայությունն էր. ուստի և նա եկավ Պետերբուրգ՝ պաշտոն գտնելու. պաշտոն գտնելու և դրա հետ միաժամանակ, ինչպես ինքն էր ասում, վերջին անգամ աղջիկներին ուրախացնելու։
Շուտով, Ռոստովների Պետերբուրգ տեղափոխվելուց հետո, Բերգն առաջարկություն արավ Վերային և նրա առաջարկությունն ընդունվեց։
Չնայած որ Ռոստովները Մոսկվայում պատկանում էին ամենաբարձր հասարակության, իրենք էլ չիմանալով և չմտածելով, թե որ հասարակությանն են պատկանում, Պետերբուրգում սակայն նրանց շրջանը խառն էր և անորոշ։ Պետերբուրգում նրանք գավառացիներ էին, որոնց արժան չէին համարում իրենց նույնիսկ ա՛յն մարդիկ, որոնց Ռոստովները կերակրել էին Մոսկվայում, առանց հարցնելու թե ի՛նչ հասարակության են պատկանում նրանք։
Ռոստովները Պետերբուրգում նույնքան հյուրասեր էին, ինչպես և Մոսկվայում։ Նրանց ընթրիքներին հավաքվում էին ամենաբազմազան մարդիկ. Օտրադնոյի հարևանները, հին, աղքատացած կալվածատերեր՝ իրենց աղջիկներով, ֆրեյլինա Պերոնսկայան, Պիեռ Բեզուխովը և գավառական փոստապետի որդին, որ ծառայում էր Պետերբուրգում։ Տղամարդկանցից շուտով Ռոստովների տանու մարդիկ դառան Բորիսը, Պիեռը, որին կոմսը փողոցում հանդիպելով քաշ տվեց իր տուն, և Բերգը, որ ամբողջ օրերով Ռոստովների տանն էր լինում և դեպի Վերան ցույց էր տալիս այնպիսի ուշադրություն, որ կարող էր ցույց տալ առաջարկություն անելու մտադրություն ունեցող մի երիտասարդ։
Իզուր չէր, որ Բերգն ամենքին ցույց էր տալիս Աուստերլիցում վիրավորված աջ ձեռքը և ձախ ձեռում բռնած միանգամայն անպետք սուրը, նա իր գլխով անցածը պատմում էր այնպես համառորեն և այնպիսի նշանակություն տալով, որ բոլորն ընդունեցին նրա արած քայլի նպատակահարմարությունն ու արժեքը, ուստի և Բերգն Աուստերլիցի համար ստացավ երկու պարգև։
Ֆինլանդական պատերազմում նույնպես նրան հաջողվեց աչքի ընկնել։ Նա վերցրեց կտորն այն ռումբի, որով գլխավոր հրամանատարի կողքին սպանվեց նրա ադյուտանտը, և ռումբի այդ կտորը ներկայացրեց գնդապետին։ Այնպես էլ, ինչպես Աուստերլիցից հետո, նա երկար ու համառորեն բոլորին պատմում էր այդ դեպքի մասին, այնպես որ բոլորը նույնպես հավատացին, որ այդպես էլ հարկավոր էր անել, և Բերգը ֆինլանդական պատերազմի համար ստացավ երկու պարգև։ 1809 թվին նա՝ շքանշաններ ստացած, գվարդիայի կապիտան էր և Պետերբուրգում ուներ ինչ-որ հատուկ շահավետ պաշտոններ։
Թեպետ և մի քանի ազատախոհներ ժպտում էին, երբ նրանց մոտ խոսում էին Բերգի արժանավորությունների մասին, սակայն չէր կարելի չընդունել, որ Բերգը օրինակելի, քաջ սպա էր, մաքուր իր իշխանության աչքում, և բարոյական երիտասարդ, որին սպասում էր փայլուն կարիերա և որը հասարակության մեջ ուներ ամուր դիրք։
Չորս տարի առաջ Մոսկվայի թատրոնի պարտեզում հանդիպելով մի գերմանացի ընկերոջ, Բերգը ցույց տվեց Վերա Ռոստովային և գերմաներեն ասավ. «Das soll mein Weib werden»[8], և նույն րոպեին որոշեց ամուսնանալ նրա հետ։ Այժմ էլ, Պետերբուրգում կշռադատելով Ռոստովների դիրքը, նա վճռեց, որ ժամանակը հառել է, ուստի և առաջարկություն արավ։
Բերգի առաջարկն սկզբում ընդունվեց իր համար անհաճո տարակուսանքով։ Սկզբում տարօրինակ էր թվում, որ լիֆլանդական մի անգայտ ազնվականի որդի առաջարկություն է անում կոմսուհի Ռոստովային. բայց Բերգի բնավորության գլխավոր հատկությունն այն պարզամիտ էգոիզմն էր, որն ստիպեց Ռոստովներին ակամա մտածել, թե այդ լավ կլինի, եթե նա ինքն այդպես հաստատ համոզված է, որ դա լավ է և նույնիսկ շատ լավ։ Բացի դրանից, Ռոստովների գործերը շատ քայքայված էին, որը փեսացուն չէր կարող չիմանալ, և որ գլխավորն է՝ Վերան 24 տարեկան էր և, չնայած որ, ամեն տեղ երևում էր, որ անկասկած լավն էր ու խելոք, բայց և այնպես մինչև այժմ ոչ ոք նրան առաջարկություն չէր արել։ Ուստի և համաձայնություն տրվեց։
— Գիտեք ինչ,— ասում էր Բերգն ընկերոջը, որին նա բարեկամ անվանում էր միայն նրա համար, որովհետև գիտեր որ բոլոր մարդիկ բարեկամներ են ունենում։— Գհիտեք ինչ, ես այս բոլորը կշռադատել եմ, և բնավ չէի ամուսնանա, եթե այդ մասին լավ չմտածեի և դա մի տեսակ անհարմար կլիներ։ Այժմ ծնողներս ապահովված են. ես նրանց համար գլուխ բերի այդ կապալը Օստզեի երկրում, իսկ ինքս Պետերբուրգում կարող եմ ապրել իմ ռոճիկով, նրա օժիտով ու իմ լավ վարքով։ Կարելի է լավ ապրել։ Փողի համար չէ, որ պսակվում եմ, ես այդ համարում եմ անազնվություն, բայց հարկավոր է, որ կինը բերի իրենը, մարդը՝ իրենը։ Ես պաշտոն ունեմ, իսկ նա կապեր ու փոքրիկ միջոցներ։ Մեր օրերում դա մի որևէ բան արժի, այնպես չէ։ Բայց որ գլխավորն է, նա գեղեցիկ, հարգելի աղջիկ է և սիրում է ինձ։
Բերգը կարմրեց ու ժպտաց։
— Ես էլ նրան եմ սիրում, որովհետև նա լուրջ բնավորություն ունի, շատ լավ բնավորություն։ Ա՛յ, նրա մյուս քույրը՝ բոլորովին ուրիշ է, և՛ բնավորությունն է անհաճո, և՛ այնպիսի էլ խելք չունի, գիտե՞ք, այնպես էլի… Անհաճո բան է..։ Իսկ իմ հարսնացուն… Կպատահի կգաք մեզ մոտ…— շարունակեց Բերգը, նա ուզում էր ասել «ճաշելու», բայց միտքը փոխեց և ասաց, «թեյ խմելու», և լեզուն ուրախ շխկացնելով, բաց թողեց ծխախոտի մի կլոր, փոքրիկ օղակ, որ միանգամայն կերպավորում էին նրա երազանքները երջանկության մասին։
Տարակուսանքի առաջին զգացումից հետո, որ հարուցեց Բերգի առաջարկությունը Վերայի ծնողների մեջ, ընտանիքում տիրեց այդպիսի դեպքերում սովորական տոնականություն և ուրախություն, սակայն այդ ուրախությունն անկեղծ չէր, այլ երևութական։ Հարսանիքի նկատմամբ հարազատների մեջ նկատելի էր շփոթմունք ու ամոթանք։ Այժմ կարծես ամաչում էին, որ Վերային քիչ են սիրել և հիմա էլ այնպես հեշտությամբ տալիս են։ Ամենից ավելի շփոթված էր ծեր կոմսը։ Ըստ երևույթին նա կդժվարանար ասել, թե ինչն է իր շփոթության պատճառը, իսկ այդ պատճառը նրա դրամական գործերն էին։ Նա բոլորովին չգիտեր, թե ինքն ի՛նչ ունի, որքան են պարտքերը և որքան օժիտ կարող է տալ Վերային։ Երբ աղջիկները ծնվեցին, ամեն մեկին իբրև օժիտ նշանակված էր 200 ճորտ, բայց այդ ճորտական գյուղերից մեկն արդեն ծախված էր, մյուսը գրավ դրված ու ժամանակն այնքան անցած, որ պետք է ծախվեր, ուստի և կալված տալն անհնարին էր։ Փող նույնպես չկար։
Բերգն արդեն ամսից ավելի նշանված էր. մինչև հարսանիքը մի շաբաթ էր մնում միայն, իսկ կոմսը իր մեջ դեռ չէր վճռել օժիտի հարցը, և այդ մասին չէր խոսում կնոջ հետ։ Նա մեկ ուզում էր Վերային տալ Ռյազանի կալվածքը, մեկ ուզում էր անտառը ծախել, մեկ էլ՝ մուրհակով պարտք վերցնել։ Հարսանիքից մի քանի օր առաջ Բերգը վաղ առավոտյան մտավ կոմսի առանձնասենյակը և դուրեկան ժպիտով հարգալիր խնդրեց ապագա աներոջը՝ հայտնել իրեն, թե կոմսուհի Վերայի հետ ի՞նչ օժիտ է տրվելու։ Կոմսն այնպես շփոթվեց վաղուց սպասվող այդ հարցից, որ առանց մտածելու ասավ ինչ որ գլուխն եկավ։
— Լավ է, որ հոգ ես տանում այդ մասին, լավ է։ Գո՛հ կմնաս։
Եվ նա, ձեռը Բերգի ուսին խփելով, վերկացավ, ցանկանալով խոսակցությունն ընդհատել, բայց Բերգը սիրալիր ժպիտով բացատրեց, որ եթե ինքը հաստատ չիմանա, թե Վերայի հետ ի՛նչ է տրվելու, և եթե առաջուց չստանա, տրվելիքի գոնե մի մասը, հարկադրված կլինի հրաժարվել։
— Որովհետև, ինքներդ դատեցեք, կոմս, եթե ես այժմ թույլ տայի ինձ ամուսնանալ, չունենալով որոշ միջոցներ կնոջս պահելու, ես ստոր բան արած կլինեի…
Խոսակցությունը վերջացավ նրանով, որ կոմսն իրեն բարեհոգի ցույց տալու և նոր խնդրանքներից ազատվելու համար, ասավ, որ 80 հազարի մուրհակ է տալիս։ Բերգը հեզ ժպտաց, համբուրեց կոմսի ուսը և ասավ, որ ինքը շատ շնորհակալ է, բայց այժմ ոչ մի կերպ չի կարող տուն գնել, եթե կանխիկ 30 հազար չստանա։
— Գոնե 20 հազար, կոմս,— ավելացրեց նա,— իսկ մուրհակն այն ժամանակ միայն 60 հազարի։
— Այո՛, այո՛, լավ,— արագությամբ ասավ կոմսը,— միայն կներես, բարեկամ, 20 հազար կտամ, իսկ բացի այդ 80 հազարի մուրհակ։ Դե ուրեմն, համբուրիր ինձ։
XII
Նատաշան արդեն 16 տարեկան էր, և հենց այն 1809 թիվն էր, մինչև որը նա չորս տարի առաջ Բորիսի հետ մատներով էր հաշվում իր տարիքը, երբ նրանք համբուրեցին իրար։ Այդ օրվանից նա էլ ոչ մի անգամ Բորիսին չէր տեսել։ Երբ Սոնյայի և մոր մոտ խոսք էր լինում Բորիսի մասին, Նատաշան բոլորովին ազատ խոսում էր, իբրև արդեն որոշված բանի վրա, թե այն բոլորը, ինչ եղել է առաջ, երեխայություն էր, որի մասին խոսել էլ չարժի և որը վաղուց մոռացված է։ Բայց նրա հոգու անթափանց խորքում մի հարց էր ծագում, թե արդյոք դեպի Բորիսն եղած պարտավորությունը կատա՞կ էր, թե՞ խոստումով կապված՝ լուրջ բան, ու այդ տանջում էր նրան։
Այն ժամանակից սկսած, երբ Բորիսը 1805 թվին Մոսկվայից մեկնեց բանակ, նա Ռոստովների հետ չէր տեսնվել։ Մի քանի անգամ նա եղել էր Մոսկվայում, անցել էր Օտրադնոյի մոտով, բայց ոչ մի անգամ չէր մտել Ռոստովների տունը։
Երբեմն Նատաշան մտածում էր, թե Բորիսը չի կամենէււմ իրեն տեսնել և նրա այդ ենթադրությունները հաստատվում էին այն տխուր եղանակով, որով մեծերը խոսում էին նրա մասին։
— Մեր օրերում հին բարեկամներին չեն հիշում,— ասում էր կոմսուհին, երբ Բորիսի մասին խոսք էր լինում։
Աննա Միխայլովնան, որ վերջերս շատ սակավ էր լինում Ռոստովների տանը, նույնպես իրեն մի ինչ֊որ առանձին արժանավայել ձևով էր պահում և ամեն անգամ հիացմունքով ու շնորհակալությամբ էր խոսում որդու արժանիքների և այն փայլուն կարիերայի մասին, որ ուներ որդին։ Երբ Ռոստովները եկան Պետերբուրգ, Բորիսն այցելեց նրանց։
Բորիսը նրանց մոտ գնում էր ոչ առանց հուզմունքի։ Նատաշայի մասին եղած հիշողությունը՝ Բորիսի ամենաբանաստեղծական հիշողությունն էր։ Սակայն դրա հետ միաժամանակ, նա Ռոստովների մոտ գնում էր այն հաստատ մտադրությամբ, որ պարզ զգացնել տա, թե՛ Նատաշային ու թե՛ նրա հարազատներին, որ իր ու Նատաշայի միջև եղած մանկական հարաբերությունները չեն կարող պարտավորություն համարվել ո՛չ Նատաշայի և ո՛չ իր համար։ Նա ուներ փայլուն դիրք հասարակության մեջ, շնորհիվ կոմսուհի Բեզուխովայի հետ ունեցած մտերմության, ուներ փայլուն դիրք ծառայության մեջ, շնորհիվ այն նշանավոր անձի հովանավորության, որի վստահությունը վայելում էր լիովին. նա ուներ նաև ծնունդ առնող ծրագիրներ, այն է՝ ամուսնակալ Պետերբուրգի ամենահարուստ հարսնացուներից մեկի հետ, ծրագիրներ, որ հեշտությամբ կարող էին իրագործվել։ Երբ Բորիսը Ռոստովների հյուրասրահը մտավ, Նատաշան իր սենյակումն էր։ Բորիսի գալն իմանալով, նա կարմրատակած, համարյա վազելով մտավ հյուրասրահ, նրա դեմքը փայլում էր ավելի քան սիրալիր ժպիտով։
Բորիսը հիշում էր Նատաշային՝ կարճ զգեստով, սև, խոպոպների տակից փայլող աչքերով և մանկական բուռն ծիծաղով, այն Նատաշային, որին նա ճանա չում էր չորս տարի առաջ, և երբ ներս մտավ մի բոլորովին ուրիշ Նատաշա, նա շփոթվեց, և նրա դեմքն արտահայտեց խանդավառ զարմանք։ Բորիսի դեմքի այդ արտահայտությունը ուրախացրեց Նատաշային։
— Հը՛, ճանաչո՞ւմ եք ձեր փոքրիկ չարաճճի ընկերուհուն,— ասավ կոմսուհին։
Բորիսը համբուրեց Նատաշայի ձեռը և ասավ, որ ինքը զարմացած է Նատաշայի մեջ կատարված փոփոխության վրա։
-— Ի՜նչ սիրունացել եք։
— Իհարկե,— պատասխանեցին Նատաշայի ծիծաղող աչքերը։
— Իսկ հայրիկը ծերացե՞լ է,— հարցրեց Նատաշան։ Նատաշան նստեց և, Բորիսի ու մոր խոսակցությանը չմիջամտելով, լուռ զննում էր իր մանուկ օրերի փեսացուին ամենայն մանրամասնությամբ։ Բորիսն իր վրա զգում էր այդ համառ նայվածքի ծանրությունն ու երբեմն նայում նրան։
Բորիսի մունդիրը, խթանները, փողկապը և սանրվածքը,— այս բոլորը նորաձև էր և comme il faut։ Նատաշան իսկույն նկատեց այդ։ Բորիսը կոմսուհու կողքին մի քիչ թեք նստած՝ աջ ձեռով ուղղում էր ձախ ձեռի բոլորովին մաքուր անուշահոտ յուղերով օծված ձեռնոցը, խոսում էր շուրթերի առանձին նուրբ հպումով, խոսում էր Պետերբուրգի բարձր շրջանների զվարճությունների մասին և հեզ հեգնությամբ հիշում Մոսկվայում անցրած ժամանակն ու Մոսկվայի նախկին ծանոթներին։ Քայց անակնկալ կերպով, ինչպես այդ զգաց Նատաշան, Բորիսը թվելով Մոսկվայի բարձր արիստոկրատիային, հիշեց դեսպանի պարահանդեսը, ուր եղել էր ինքը, հիշեց N. N.-ի և S. S.-ի հրավերքները։
Նատաշան շարունակ անխոս նստած աչքի տակով նայում էր Բորիսին։ Այդ հայացքն ավելի ու ավելի և՛ անհանգստացնում, և՛ շփոթում էր Բորիսին։ Նա հաճախ նայում էր Նատաշային ու զրույցն ընդհատում։ Մի տասը րոպե ևս նստելով, նա գլուխ տալով վեր կացավ։ Նատաշայի նույն հետաքրքիր, համարձակ ու փոքր-ինչ ծաղրական աչքերը նայում էին Բորիսին։ Առաջին այցելությունից հետո, Բորիսն ասավ իրեն, թե Նատաշան իր համար ճիշտ նույնչափ գրավիչ է, որքան և առաջ, բայց թե ինքն անձնատուր չպետք է լինի զգացմունքին, որովհետև ամուսնանալ Նատաշայի հետ — գրեթե կարողությունից զուրկ մի աղջկա հետ — կնշանակեր խորտակել սեփական կարիերան, իսկ նախկին հարաբերությունները վերսկսելը — առանց ամուսնանալու նպատակի — դա անազնիվ քայլ կլիներ։
Բորիսն ինքն իր մեջ վճռել էր խուսափել Նատաշայի հետ հանդիպելուց, բայց, չնայած այդ որոշման, մի քանի օր հետո կրկին եկավ նրանց տուն, և ապա սկսեց հաճախակի գալ, ու այնուհետ և ամբողջ օրերն անցնում էր Ռոստովների մոտ։ Նրան անհրաժեշտ էր թվում բացատրվել Նատաշային, ասել նրան, թե հինը ամբողջովին պիտի մոռանալ, և չնայած այդ բոլորին… Նատաշան ինքը չի կարող իր կինը լինել, իսկ ինքը Բորիսը կարողություն չունի, ուստի և Նատաշային երբեք չեն տա իրեն։ Բայց միշտ էլ նրան այդ չէր հաջողվում և անհարմար էր բացատրության դիմել։ Օրըստօրե նա ավելի ու ավելի էր կորցնում իրեն։ Նատաշան, ինչպես մայրն ու Սոնյան էին նկատում, առաջվա պես Բորիսի վրա սիրահարված էր երևում։ Նա երգում էր Բորիսի սիրած երգերը, Բորիսին ցույց էր տալիս իր ալբոմը, ստիպելով նրան մի բան գրել դրա մեջ, թույլ չէր տալիս անցյալի մասին խոսել, դրանով հասկացնել տալով, թե որքան գեղեցիկ է ներկան,— և Բորիսը ամեն օր հեռանում էր անորոշության մշուշի մեջ, առանց ասելու այն, ինչ մտադիր էր ասել, ինքն էլ չիմանալով ի՛նչ է անում և ինչո՛վ կվերջանա այս ամենը։ Բորիսը դադարել էր Էլենի մոտ դնալուց, ուստի և ամեն օր նրանից ստանում էր կշտամբական գրություններ, և այնուամենայնիվ օրերն անց էր կացնում Ռոստովների տանը։
XIII
Մի անգամ երեկոյան, երբ պառավ կոմսուհին հառաչելով ու քրթմնջալով, գիշերային չամչիկով ու կոֆտայով, առանց դնովի մազերի, և միայն մի խղճուկ փունջ մազերով, որ դուրս էին թափվել կա լենկորի չամչիկի տակից,— փոքրիկ գորգի վրա ծունր էր դնում և իրիկվա աղոթքն էր անում, նրա դուռը ճռնչաց և տուֆլիները մերկ ոտներին, նույնպես կոֆտայով և մազերը թղթե ձևերի մեջ ձև դրած ներս վազեց Նատաշան։ Կոմսուհին ետ նայեց և դեմքը խոժոռեց։ Նա վերջացնում էր իր վերջին աղոթքը. «Մի՞թե մահիճս այս ինձ դագաղ եղիցի»։ Նրա աղոթելու տրամադրությունը չքացավ։ Նատաշան՝ կարմրած, զվարթ, տեսնելով մորն աղոթելիս, իսկույն կանգ առավ, նստեց և ակամա հանեց լեզուն, ինքն իրեն սպառնալով։ Նկատելով, որ մայրն աղոթքը շարունակում էր, նա ոտների ծայրերի վրա վազեց դեպի մահճակալը, արագ սահելով մի ոտը դիպցրեց մյուսին, տուֆլիները դեն գցեց և թռավ այն մահճակալի վրա, որի համար կոմսուհին վախենում էր, թե չլինի իր դագաղը դառնա։ Այդ մահիճը բարձր էր, փետուրե և աստիճանաբար փոքրացող հինգ բարձերով։ Նատաշան թռավ, խրվեց փետուրե անկողնի մեջ, գլորվեց դեպի պատերը և սկսեց շուռ ու մուռ գալ վերմակի տակ, իրեն տեղավորելով, ծնկները դեպի կզակը ծալելով, ոտները գցելով և հազիվ լսելի ծիծաղով մերթ գլուխը կոխում էր վերմակի տակ, մերթ նայում էր մորը։ Կոմսուհին աղոթքը վերջացրեց և խստադեմ մոտեցավ մահճին, բայց տեսնելով Նատաշային՝ գլուխը վերմակի տակ թաքցրած, ժպտաց իր բարի, թույլ ժպիտով։
— Դե՛-դե՛-դե՛,— ասավ մայրը։
— Մայրիկ, կարելի՞ է քեզ հետ խոսել,— ասավ Նատաշան։— Դե, թող մի անգամ էլ համբուրեմ ու բավական է։— Եվ նա ձեռներով գրկեց մոր վիզը և համբուրեց նրա կզակը։ Մոր նկատմամբ Նատաշան ցույց էր տալիս ձևերի արտաքին կոպտություն, բայց այնքան զզայուն ու ճարպիկ էր, որ որքան էլ ձեռներով փաթաթվեր մորը, նա այդ բանը կարողանում էր անել միշտ այնպես, որ մորը ո՛չ ցավ պատճառի, ո՛չ տհաճություն և ո՛չ էլ անհարմարություն։
— Հը, լավ, հիմի ի՞նչ կա,— ասավ մայրը բարձերի վրա տեղավորվելով և սպասեց, մինչև որ Նատաշան մի երկու անգամ իր վրայից գլորվելով, պառկի իր կողքին միևնույն վերմակի տակ՝ ձեռները մեկնելով և լուրջ արտահայտություն ընդունելով։
Նատաշայի այդ գիշերային այցելությունները, որ կատարվում էին մինչև կոմսի վերադառնալն ակումբից, մոր և աղջկա սիրած զվարճություններից մեկն էր։
— Հիմի էլ ի՞նչ ունես ասելու։ Իսկ ես քեզ պիտի ասեմ…
Նատաշան ձեռներով փակեց մոր բերանը։
-— Բորիսի մասին… Ես գիտեմ,— ասավ նա լուրջ,— ես դրա համար էլ եկել եմ։ Մի՛ ասեք, ես գիտեմ։— Չէ, ասեք։— Նա ձեռը վերցրեց։— Ասեք մայրիկ։ Նա լա՞վն է։
— Նատաշա, դու տասնվեց տարեկան ես, քո տարիքին ես ամուսնացած էի։ Դու ասում ես, թե Բորիսը լավն է։ Նա շատ լավն է, ես էլ եմ նրան սիրում որպես որդու, բայց դե դու ի՞նչ ես ուզում… Դու ի՞նչ ես մտածում… Դու նրան բոլորովին խելքահան ես արել, ես այդ տեսնում եմ…
Այս ասելով, կոմսուհին նայեց աղջկան։ Նատաշան պառկել էր ուղիղ ու անշարժ և նայում էր իր առջև, մահճակալի անկյուններում փորագրված սֆինքսներից մեկին, այնպես որ կոմսուհին տեսնում էր աղջկա միայն կիսադեմը։ Այդ դեմքը՝ իր լուրջ և կենտրոնացած արտահայտության առանձնահատկությամբ զարմացրեց կոմսուհուն։
Նատաշան լսում էր և լսածը մտքում քննում։
— Դե ի՞նչ անենք,— ասավ նա։
— Դու նրան բոլորովին խելքահան ես արել, ինչո՞ւ։ Ի՞նչ ես ուզում նրանից։ Գիտես որ նրա հետ ամուսնանալ չես կարող։
— Ինչո՞ւ,— առանց դիրքը փոխելու ասավ Նատաշան։
— Նրա համար որ՝ նա ջահել է, նրա համար որ՝ նա չքավոր է, նրա համար որ՝ նա ազգական է… նրա համար որ՝ դու ինքդ էլ չես սիրում նրան։
— Իսկ դուք այդ որտեղի՞ց գիտեք։
— Ես գիտեմ։ Դա լավ չէ, բարեկամս։
— Իսկ եթե ես ուզում եմ,— ասավ Նատաշան։
— Թող հիմարություններդ…— ասավ կոմսուհին։
— Իսկ եթե ես ուզում եմ…
— Նատաշա, ես լուրջ…
Նատաշան թույլ չտվեց մորը խոսքն ավարտելու, դեպ իրեն ձգեց կոմսուհու խոշոր ձեռ և համբուրեց այն նախ վերևից, ապա ափը, հետո կրկին շրջեց և սկսեց համբուրել նրա մատների վերին հոդի ոսկորը, հետո արանքը, հետո կրկին ոսկորը, ապա ասավ. «Հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս»։— Խոսեք մայրիկ, ինչո՞ւ եք լռում։ Խոսեք,— ասավ նա, մորը նայելով, որն այդ ժամանակ քնքուշ հայացքով նայում էր աղջկան և այդ հայեցման մեջ կարծես թե մոռացավ այն բոլորը, ինչ ուզում էր ասել։
— Դա բանի նման չի, հոգիս։ Ամեն մարդ էլ ձեր մանկական կապը չի հասկանա. իսկ եթե քեզ այդքան մտերիմ տեսնեն նրա հետ, այդ բանը գուցե քեզ վնասի ուրիշ երիտասարդների աչքում, որոնք մեր տուն են գալիս և, որ գլխավորն է, դու իզուր տանջում է նրան։ Նա, գուցե, իրեն համապատասխան հարուստ մեկը գտել է. իսկ հիմա գժվում է։
— Գժվում է,— կրկնեց Նատաշան։
— Ես քեզ իմ կյանքից կպատմեմ։ Ես մի cousin ունեի…
— Գիտեմ — Կիրիլ Մատվեյիչը. չէ՞ որ նա ծեր է։
— Միշտ էլ ծեր չի եղել։ Բայց ահա թե ինչ, Նատաշա, ես Բորիսյի հետ կխոսեմ։ Հարկ չկա, որ նա այդպես հաճախ գա…
— Ինչո՞ւ հարկ չկա, եթե նա ուզում է։
— Նրա համար որ, գիտեմ, թե դա ոչնչով չի վերջանա…
— Ինչի՞ց գիտեք։ Չէ, մայրիկ, դուք նրան բան չասեք։ Ինչ հիմարություն,— ասավ Նատաշան մի մարդու եղանակով, որից ուզում են իր սեփականությունը խլել։— Դե, ես չեմ ամուսնանա, թող այնպես գա. եթե այդ նրա համար լավ է, ինձ համար էլ լավ է։— Նատաշան ժպտալով մորը նայեց։
— Ոչ թե ամուսնանալ, այլ այնպես,— կրկնեց նա։
— Այդ ինչպե՞ս, սիրելիս։
— Դե այնպես։ Շատ հարկավոր է, որ չեմ ամուսնանա, այլ… այնպես։
— Այնպես, այնպես,— կրկնեց կոմսուհին և ամբողջ մարմնով ցնցվելով, ծիծաղեց իր բարի, պառավական անսպասելի ծիծաղով։
— Բավական է ծիծաղեք, վերջ տվեք,— գոչեց Նատաշան,— ամբողջ մահճակալը դողում է։ Դուք բոլորովին ինձ նման եք՝ կչկչա՛ն… Սպասեցեք…— Նա բռնեց կոմսուհու երկու ձեռն էլ, համբուրեց ճկույթի մի ոսկորը — «հունիս» և շարունակեց համբուրել մյուս ձեռը՝ «հուլիս», «օգոստոս» ասելով։— Մայրիկ, նա շա՞տ է սիրահարված։ Ինչպե՞ս է երևում ձեր աչքին։ Ձեր վրա էլ սիրահարվե՞լ են այդպես։ Եվ շատ լավն է, շատ֊շատ լավն է։ Բայց այնքան էլ իմ ճաշակի չի — նա այնպես սահմանափակ, նեղ է սեղանատան ժամացույցի նման… Չեք հասկանո՞ւմ… նեղ, գիտեք, հասարակ, պարզ…
— Ինչի՜ ես ստում,— ասավ կոմսուհին։
Նատաշան շարունակեց.
— Մի՞թե դուք չեք հասկանում։ Ա՛յ Նիկոլենկան կհասկանար… Բեզուխովը՝ կապույտ, մուգ-կապույտ է կարմրախառը, իսկ նա՝ քառանկյունի։
— Դու նրա հետ էլ ես կոկետություն անում,— ծիծաղելով ասավ կոմսուհին։
— Ոչ, նա ֆրանմասոն է, ես իմացել եմ։ Նա լավ մարդ է. մուգ-կապույտ կարմրախառը… Ձեզ ինչպես բացատրեմ։
— Սիրելի կոմսուհի,— լսվեց կոմսի ձայնը դռան ետևից։— Դու քնած չե՞ս։— Նատաշան վեր թռավ, վերցրեց տուֆլիները և բոբիկ վազեց իր սենյակը։
Երկար նա չկարողացավ քնել։ Շարունակ մտածում էր այն մասին, թե ոչ ոք ոչ մի կերպ չի կարող հասկանալ այն բոլորը, ինչ ինքն է հասկանում և ինչ կա իր սրտում։
«Սոնյան», մտածեց նա, նայելով իր սենյակում կուչ եկած քնած ահագին ծամով կատվիկին։ «Ոչ, նա՛ էլ չի հասկանա։ Նա առաքինի է։ Նա սիրահարվել է Նիկոլայի վրա, և ուրիշ ոչինչ լսել չի ուզում։ Մայրիկն էլ չի հասկանում։ Զարմանալի է, որքան ես խելոք եմ և ինչ… լավիկն է նա», շարունակեց նա ինքն իր մասին երրորդ դեմքով խոսելով ու երևակայելով, թե այդ խոսքերն իր մասին ասում է մի շատ խելոք, ամենախելոք և ամենալավ տղամարդը… — Նա ամեն, ամեն բան ունի,— շարունակում էր այդ տղամարդը,— խելո՛ք է, արտասովոր կերպով սիրուն և հետո լա՜վն է, չափից դուրս լավը, ճարպիկ է,— ջրում լող է տալիս, ձիով ման է գալիս, իսկ ձա՜յնը… Կարելի է ասել, զարմանալի ձայն է։
Նա երգեց Խերուբինի օպերայից իր սիրած կտորը, նետվեց անկողնու վրա, ծիծաղեց այն ուրախ մտքից, որ շուտով քնելու է, ձայն տվեց Դունյաշային, որ մոմը հանգցնի, և դեռ Դունյաշան սենյակից դուրս չէր եկել, երբ նա փոխադրվեց երազների մի ուրիշ, ավելի երջանիկ աշխարհ, ուր ամեն բան այնպես թեթև ու գեղեցիկ էր, ինչպես իրականության մեջ, բայց միայն թե ավելի լավ էր, որովհետ և ուրիշ տեսակ էր։
Մյուս օրը կոմսուհին, Բորիսին իր մոտ հրավիրելռվ, խոսեց նրա հետ, և այդ օրվանից Բորիսը ոտը կտրեց Ռոստովների տնից։
XIV
Դեկտեմբերի 31-ին, 1810 թվի նոր տարու նախօրյակին, Եկատերինայի ժամանակի մի ավագանու մոտ գիշերային ընթրիքից հետո պարահանդես էր։ Պարահանդեսին լինելու էին դիվանագիտական մարմինը և թագավորը։
Ավագանու տունը, որ գտնվում էր Անգլիական ափին, լուսավորված էր հրավառության անթիվ ճրագներով։ Լուսավորված և կարմիր մահուդով ծածկված շքամուտքի առջև կանգնած էր ոստիկանությունը, ոչ միայն ժանդարմները, այլև ոստիկանապետը և ոստիկանական տասնյակ սպաներ։ Կառքերը հեռանում էին և շարունակ գալիս էին նորերը՝ կարմրազգեստ, փետրավոր գլխարկը գլուխներին լաքեյներով։ Փակ կառքերից դուրս էին գալիս տղամարդիկ՝ մունդիր հագած, աստղերով ու ժապավեններով, կանայք աթլաս զգեստներով և սպիտակ կզաքիսի մուշտակով, իջնում էին նրանք զգուշությամբ և շտապով ու անձայն անցնում շքամուտքի մահուդի վրայով։
Գրեթե ամեն անգամ, երբ մի նոր կառք էր մոտենում, ամբոխի մեջ շշունջ էր անցնում և գլխարկները հանում էին։
— Թագավո՞րն է… Չէ… Մինիստր է… պրինց է… դեսպան է… Միթե փետուրները չես տեսնում,— ասում էին ամբոխի միջից։
Մեկն ամբոխից, որ մյուսներից ավելի լավ էր հագնված, ըստ երևույթին, բոլորին ճանաչում էր և անուն-անուն հիշում այն ժամանակվա ամենանշանավոր ավագանիներին։
Հյուրերի մի երրորդ մասն արդեն եկել էր պարահանդես, բայց Ռոստովները, որ պետք է լինեին այդ պարահանդեսին, դեռ հագնվելու շտապ պատրաստություն էին տեսնում։
Այդ պարահանդեսի առթիվ Ռոստովների ընտանիքում շատ խոսք ու պատրաստություն կար, շատ երկյուղներ, թե մի գուցե հրավեր չստացվի։ Հանդերձը պատրաստ չլինի և ամեն բան այնպես չդասավորվի, ինչպես հարկավոր է։
Ռոստովների հետ միասին պարահանդես մեկնեց Մարիա Իգնաաովնա Պերոնսկայան, կոմսուհու ընկերուհին և ազգականուհին՝ հին արքունիքի մի նիհար ու դեղնած ֆրեյլին, որ գավառացի Ռոստովներին ղեկավարում էր Պետերբուրգի բարձր շրջաններում։
Երեկոյան ժամը 10֊ին Ռոստովները պետք է գնային Տավրիկյան այգին՝ ֆրեյլինի ետևից, այնինչ 10֊ից 5 րոպե էր պակաս և աղջիկները տակավին հագնված չէին։
Նատաշան իր կյանքում առաջին անգամն էր գնում մեծ պարահանդես։ Նա այդ օրը քնից ելավ առավոտյան ժամը 8֊ին և ամբողջ օրը գտնվում էր տենդային հուզմունքի ու գործունեության մեջ։ Նրա ամբողջ եռանդը վաղ առավոտից գործադրվեց այն բանի վրա, որ իրենք բոլորը՝ ինքը, մայրիկը, Սոնյան հագնված լինեն, որքան կարելի է, լավ։ Սոնյան ու կոմսուհին նրան վստահացան միանգամայն։ Կոմսուհին հագնելու էր կարմիր թավիշե զգեստներ, իսկ իրենք՝ աղջիկները, սպիտակ ծխագույն հագուստներ, մետաքսե վարդագույն ծածկոցներով՝ գոտիների վրա վարդեր։ Իսկ մազերնին պիտի սանրեին à la grecque։
Էական բաներն արդեն արված էին. բոլորի ձեռները, ոտները, վիզը, ականջները առանձին խնամքով, ինչպես պատշաճում է պարահանդես գնացողին, արդեն լվացված, օծված ու սնգուրված էին. հագել էին արդեն թե՛ մետաքսե թափանցիկ գուլպաները, թե՛ սպիտակ աթլասե կոշիկները՝ բանթերով, իսկ սանրվածքները համարյա թե վերջացել էին։ Սոնյան հագնվում-վերջացնում էր. կոմսուհին նմանապես, Նատաշան, որ բոլորի համար հոգ էր տանում, ետ մնաց։ Նա դեռ հայելու առաջ նստած էր՝ նիհար ուսերին պենուար գցած։ Սոնյան արդեն հագնված կանգնել էր սենյակի մեջտեղ և, փոքրիկ մատով, ցավացնելու աստիճան, սեղմելով ամրացնում էր վերջին, քորոցի տակ ճոռացող ժապավենը։
— Այդպես չէ, այդպես չէ, Սոնյա,— ասում էր Նատաշան, գլուխը հրվելով մազերը սանրող աղջկանից և ձեռով մազերը բռնելով, որ սպասուհին չկարողացավ ժամանակին բաց թողնել։— Բանթն այդպես չպիտի լինի, ե՛կ այստեղ։
Սոնյան նստեց։ Նատաշան ժապավենը ամրացրեց այլ կերպ։
— Թողեք, օրիորդ, այդպես չի կարելի,— ասավ Նատաշայի մազերը բռնող սպասուհին։
— Ախ, տեր իմ աստված, դե հետո։ Այ այսպես, Սոնյա։
— Հը, շո՞ւտ կվերջացնեք,— լսվեց կոմսի ձայնը,— արդեն տասը կլինի հիմա։
— Հիմա, հիմա։ Իսկ դուք պատրա՞ստ եք, մայրիկ։
— Միայն գլխարկս է մնում։
— Առանց ինձ չդնեք,— գոչեց Նատաշան,— դուք չեք կարող։
— Բայց չէ՜, արդեն տասն է։
Որոշված էր պարահանդեսին լինել տասն և կեսին, իսկ Նատաշան դեռ պիտի հագնվեր ու դեռ պետք է գնային Տավրիկյան այգին։
Սանրվածքը վերջացնելով, Նատաշան կարճ շրջազգեստով, որի տակից երևում էին պարահանդեսային կոշիկները, և մոր կոֆտան հագին, վազեց դեպի Սոնյան, դիտեց նրան և ապա վազեց մոր մոտ։ Մոր գլուխը թեքելով, նա ամրացրեց նրա գլխարկը և նրա ճերմակ մազերը համբուրելով, կրկին վազեց իր շրջազգեստը կարող աղջիկների մոտ։
Գործն ուշանում էր Նատաշայի շրղազգեստի պատճառով, որը չափից դուրս երկար էր։ Շրջազգեստը կարում կարգի էին բերում երկու աղջիկ՝ փութկոտությամբ կծելով թելերը։ Երրորդ աղջիկը, քորոցները շրթունքների և ատամների արանքում, կոմսուհու մոտից վազում էր դեպի Սոնյան. չորրորդը բարձր պահած ձեռով բռնել էր շղարշե զգեստները։
— Մավրուշա, շո՛ւտ սիրելիս։
— Մատնոցն այդտեղից տվեք, օրիորդ։
— Շո՞ւտ կլինի, վերջապես,— ասավ կոմսը ներս մտնելով։— Ահավասիկ ձեզ օծանելիք։ Պերոնսկայան բավական արդեն սպասեց։
— Պատրաստ է, օրիորդ,— ասավ սպասուհին երկու մատով բարձրացնելով տակից կարված շղարշե զգեստը և ինչ-որ բան փչելով ու թափ տալով, այդպիսով կամենալով ցույց տալ իր ձեռքում բռնածի թեթևությունն ու մաքրությունը։
Նատաշան սկսեց զգեստը հագնել։
— Իսկո՛ւյն, իսկույն, մի՛ գա, հայրիկ,— ձայն տվեց նա հորը, որ դուռը բաց էր անում, նա ճչաց շրջազգեստի շղարշի տակից, որն ամբողջովին ծածկել էր նրա երեսը։
Սոնյան դուռը ծածկեց։ Մի րոպեից հետո կոմսին ներս թողեցին։ Նա հագել էր կապույտ ֆրակ, երկար գուլպաներ ու կոշիկներ, նա անուշահոտ յուղերով օծված էր ու շպարված։
— Ա՜խ, հայրիկ, ի՛նչ լավն ես, հիանալի՜ է,— ասավ Նատաշան սենյակի մեջտեղը կանգնած և զգեստի ծայրերն ուղղելով։
— Կացեք, օրիորդ, կացեք,— ասում էր սպասուհին չոքած տեղը, Նատաշայի զգեստը ձիգ տալով և բերանի քորոցները լեզվով մի կողմից մյուսի վրա շրջելով։
— Դո՛ւ գիտես,— հուսահատ բացականչեց Սոնյան՝ Նատաշայի զգեստին նայելով,— դո՛ւ գիտես, էլի երկար է։
Նատաշան հեռացավ, որ հայելու մեջ նայի իրեն։ Զգեստը երկար էր։
— Ոչ, տիրուհի, աստված վկա, ամենևին երկար չէ,— ասավ Մավրուշան, հատակի վրա, օրիորդի ետևից սողալով։
— Դե, եթե երկար է — կարճացնենք, մի րոպեում կկատարենք,— ասավ վճռական Դունյաշկան, կրծքի թաշկինակից ասեղը հանելով և հատակի վրա նորից սկսելով իր գործը։
Այդ միջոցին ամոթխած, լուռ քայլերով ներս մտավ կոմսուհին իր նեղ գլխարկով ու թավշյա զգեստով։
— Օ՜հ, իմ գեղեցկուհի՜,— գոչեց կոմսը,— բոլորիցդ լա՜վն է։
Նա ուզում էր կոմսուհուն գրկել, բայց կոմսուհին կարմրելով մի կողմ քաշվեց, որ զգեստները չջարդվեն։
— Մայրիկ, գլխարկդ քիչ ավելի թեք,— ասավ Նատաշան։— Ես կամրացնեմ,— ու նետվեց առաջ, իսկ աղջիկները, որ զգեստի տակից վրա էին կարում, չկարողանալով նրա ետևից հասնել, պոկեցին շղարշի մի կտոր։
— Տեր իմ աստվա՜ծ։ Սա ի՞նչ բան է։ Աստված վկա, ես մեղավոր չեմ…
— Ոչինչ, կկարեմ, կկպցնեմ, չի երևա,— ասավ Դունյաշան։
— Սիրունիկս, թագուհիս,— ասավ ներս մտնող դայակը։— Հապա Սոնյան, մի տեսեք, օ՛հ, գեղեցկուհինե՜ր…
Վերջապես տասից քառորդ էր անցել, երբ Ռոստովները կառք նստեցին ու մեկնեցին։ Բայց նրանք դեռ պիտի գնային Տավրիկյան այգի։
Պերոնսկայան արդեն պատրաստ էր։ Չնայած նրա պառավությանն ու տգեղությանը, նրա մոտ էլ կատարվել էր նույնը, ինչ-որ Ռոստովների տանը, թեև ոչ այնպիսի փութկոտությամբ (նրա համար դա սովորական բան էր), բայց նրա պառավ, տգեղ մարմինը նույնպես օծված, լվացված, սնգուրված էր, նա նույնպես խնամքով լվացել էր ականջների ետևը և նույնպես էլ, ինչպես Ռոստովների տանը, պառավ նաժիշտը զմայլվում էր իր տիրուհու արդուզարդով, երբ նա դեղնագույն զգեստով, անվանագիրը կրծքին, հյուրասրահ մտավ։ Պերոնսկայան գովեց Ռոստովների զարդարանքը։
Ռոստովները գովեցին նրա ճաշակն ու արդուզարդը և, սանրվածքնին ու զգեստնին խնամքով պահելով, ժամը տասնումեկին կառեթ նստեցին ու գնացին։
XV
Նատաշան այդ օրն առավոտից սկսած ոչ մի ազատ րոպե չէր ունեցել, որ կարողանար մտածել, թե իրեն ի՛նչ է սպասում։
Խոնավ, ցուրտ օդում, օրորվող կառքի նեղվածքի ու կիսամութի մեջ Նատաշան առաջին անգամ կենդանի կերպով պատկերացրեց այն, ինչ սպասում էր իրեն այնտեղ՝ պարահանդեսի լուսավորված դահլիճներում.— երաժշտություն, ծաղիկներ, պար, թագավորը և Պետերբուրգի ամբողջ փայլուն երիտասարդությունը։ Այն, ինչ սպասում էր Նատաշային, այնքան գեղեցիկ էր, որ նա նույնիսկ չէր հավատում, թե այդ բոլորր կլինի, որովհետև այդ ամենը բնավ չէր ներդաշնակում կառքի նեղվածքի, մթության ու ցրտի տպավորության հետ։ Իրեն սպասող ամեն բան Նատաշան հասկացավ միայն այն ժամանակ, երբ շքամուտքի կարմիր մահուդի վրայով անցնելով, մտավ նախասենյակ, մուշտակը հանեց և Սոնյայի հետ միասին մոր առջևից անցավ ծաղիկների արանքով, լուսավորված սանդուղքով։ Այդ ժամանակ միայն նա հիշեց, թե պարահանդեսում ինչպես պետք է պահի իրեն, ուստի և նա աշխատեց ընդունել այն վեհաշուք ձևը, որ նա անհրաժեշտ էր համարում մի աղջկա համար նման պարահանդեսում։ Բայց, իր բախտից, նա զգաց, որ աչքերը շլանում են։ Նա պարզ ոչինչ չէր տեսնում, զարկերակը մի րոպեի մեջ հարյուր անգամ խփեց, և արյունն սկսեց բախել սրտին։ Նա այլևս չէր կարող ընդունել այն ձևը, որը նրան կդարձներ ծիծաղելի. նա գնում էր նվաղուն սրտով և ամեն կերպ աշխատում էր իր այլայլումը թաքցնել։ Դա հենց այն ձևն էր, որ ամենից ավելի էր սազում նրան։ Նրանց առջևից ու ետևից, նույնպես կամաց խոսակցելով և նույնպես պարահանդեսային զգեստով, հյուրեր էին ներս մտնում։ Սանդուղքների երկարությամբ դրված հայելիներն իրենց մեջ անդրադարձնում էին սպիտակ, երկնագույն, վարդագույն զգեստներով կանանց, որոնց հոլանի ձեռներն ու պարանոցները զարդարված էին գոհարներով ու մարգարիտներով։
Նատաշան նայեց հայելուն և նրա անդրադարձման մեջ չկարողացավ իրեն տարբերել մյուսներից։ Ամեն ինչ խառնվել էր մի շքեղ թափորի մեջ։ Առաջին դահլիճը մտնելիս — ձայների, քայլերի, ողջույնների համաչափ շշունջը խլացրեց Նատաշային. լույսն ու փայլը նրան ավելի էին շլացնում։ Տանտերն ու տանտիրուհին, որ արդեն կես ժամի չափ մուտքի դռների մոտ կանգնած, ներս մտնողներին ողջունում էին միևնույն խոսքերով «Charmé de vous voir»[9], նույնպես էլ դիմավորեցին Ռոստովներին՝ Պերոնսկայայի հետ միասին։
Սպիտակ զգեստներով, սև մազերի մեջ միատեսակ վարդերով երկու աղջիկն էլ միատեսակ ողջունեցին տանտերերին, բայց տանտիրուհու աչքն ակամայից ավելի երկար կանգ առավ բարալիկ Նատաշայի վրա, ու նրան նայելով, առանձնապես սիրալիր ժպտաց միայն Նատաշային։ Տանտիրուհին նրան նայելով, գուցե հիշեց իր աղջիկ ժամանակվա անդարձ, ոսկի օրերը և իր առաջին պարահանդեսը։ Տանտերը նույնպես նայեց Նատաշային և հարցրեց կոմսին, թե ո՞րն է իր աղջիկը։
— Charmante!— ասավ նա իր մատների ծայրերը համբուրելով։
Դահլիճում կանգնած և մուտքի դռան մոտ խմբված հյուրերն սպասում էին թագավորին։ Այդ խմբի մեջ կոմսուհին տեղ էր բռնել առաջին շարքերում։ Նատաշան լսում ու զգում էր որ մի քանի ձայներ հարցնում էին իր մասին և մի քանի աչք նայում էր իրեն։ Նա զգաց, որ ինքը դուր եկավ նրանց, որոնք ուշադրություն դարձրին իր վրա, ու այդ բանը փոքր-ինչ հանգստացրեց նրան։
«Կան այստեղ և մեզ նմանները և մեզնից վատերը», մտածեց նա։
Պերոնսկայան կոմսուհուն մեկ֊մեկ թվում էր պարահանդեսում եղած նշանավոր մարդկանց։
— Սա ահա՛ հոլանդական դեսպանն է, տեսնում եք, այն ճերմակ մարդը,— ասում էր Պերոնսկայան, ցույց տալով արծաթի պես սպիտակ, առատ գանգուր մազերով մի ծերունու, որ շրջապատված էր տիկիններով, որոնց ինչ-որ բանով ստիպում էր ծիծաղել։
— Ահավասիկ և նա, Պետերբուրգի թագուհին, կոմսուհի Բեզուխովան,— ասավ նա ցույց տալով ներս մտնող Էլենին։
— Ինչ լավն է, Մարիա Անտոնովնայից պակաս չէ. նայեցթեք, նրա ետևից ինչպես են քաշ գալիս թե՛ ջահելները, թե՛ ահելները։ Թե՛ լավն է և թե՛ խելոք… Ասում են, թագաժառանգը… խենթանում է նրա համար։ Եսկ այս երկուսն ահա, թեև լավը չեն, բայց ավելի են շրջապատված։
Նա ցույց տվեց դահլիճի միջով, մի շատ տգեղ աղջկա հետ անցնող մի տիկնոջ։
— Սա միլիոնատեր֊հարսնացու է,— ասավ Պերոնսկայան։— Ահավասիկ և փեսացուները։
— Սա Բեզուխովայի եղբայրն է՝ Անատոլ Կուրագինը,— ասավ նա, ցույց տալով հեծելազորի մի գեղեցիկ սպայի, որ անցավ իրենց մոտով, գլուխը բարձր բռնած և կանանց գլխի վրայով ուր֊որ նայելով։— Ի՜նչ լավն է։ Այնպես չէ՞։ Ասում են սրան ամուսնացնում են այս հարուստ աղջկա հետ։ Ձեր կուզենն էլ՝ Դրուբեցկոյը, նույնպես շատ է պտույտ գալի նրա շուրջը։ Ասում են միլիոններ ունի։— Ինչպես չէ, դա ֆրանսական դեսպանն է,— պատասխանեց նա կոմսուհուն, որը Կոլենկուրի համար հարցնում էր, թե դա ո՞վ է։— Նայեցեք, կարծես թե մի ինչ-որ թագավոր լինի։ Բայց այնուամենայնիվ դուրեկան են այդ ֆրանսացիները։ Հասարակության մեջ դրանցից ավելի հաճելի մարդիկ չկան։ Ահա և՛ նա։ Ոչ, էլի ամենից լավը մեր Մարիա Անտոնովնան է։ Եվ որքա՛ն էլ պարզ է հագնված։ Հիանա՜լի է։ Իսկ այդ հաստ ակնոցավորը՝ համաշխարհային ֆարմասոնն է,— ասավ Պերոնսկայան Բեզուխովին ցույց տալով։— Մի դրան համեմատեցեք կնոջ հետ, կարծես բանջարանոցային խրտվիլակ լինի։
Պիեռը քայլում էր իր հաստ մարմինը ճոճելով, հասարակությունը երկու մասի բաժանելով, աջ ու ձախ գլուխ տալով, այնպես անփույթ ու բարեհոգի, կարծես շուկայի ամբոխի միջով էր անցնում։ Նա հասարակությունը ճեղքում էր, ըստ երևույթին մեկին որոնելով։
Նատաշան ուրախությամբ նայում էր Պիեռի ծանոթ դեմքին, այդ խրտվիլակին, ինչպես անվանեց նրան Պերոնսկայան, և գիտեր, որ Պիեռը հասարակության մեջ իրենց է որոնում, հատկապես իրեն։ Պիեռը նրան խոստացել էր գալ պարահանդես և ծանոթացնել կավալերների հետ։
Բայց դեռ նրանց չհասած, Բեզուխովը կանգ առավ մի ոչ բարձրահասակ, շատ գեղեցիկ սևահեր մարդու մոտ, որ սպիտակ հագած, լուսամուտի մոտ կանգնած խոսում էր մի ինչ-որ բարձրահասակ, կուրծքը աստղերով ու ժապավեններով զարդարուն մարդու հետ։ Նատաշան իսկույն ճանաչեց սպիտակ մունդիրով ոչ բարձրահասակ երիտասարդին, դա Բալկոնսկին էր, որ Նատաշային թվաց երիտասարդացած, զվարթացած ու գեղեցկացած։
— Ահա մի ծանոթ էլ, մայրիկ. Բալկոնսկին, տեսնո՞ւմ եք,— ասավ Նատաշան, ցույց տալով իշխան Անդրեյին,— հիշո՞ւմ եք, մի անգամ նա գիշերեց մեզ մոտ՝ Օտրադնոյում։
— Դուք նրան ծանո՞թ եք,— ասավ Պերոնսկայան։— Տանել չեմ կարող։ Il fait à présent la pluie et le beau temps.[10] Եվ այնքա՜ն հպարտ է, որ ասել չի լինի։ Հորն է քաշել։ Սպերանսկու հետ իրար գտել են. ինչ-որ նախագծեր են կազմում։ Մի տեսեք, կանանց հետ ինչպե՜ս է վարվում։ Այն կինը նրա հետ խոսում է, իսկ նա երեսը շրջեց,— ասավ Պերոնսկայան, ցույց տալով իշխան Անդրեյին։— Ես նրան դաս կտայի, եթե ինձ հետ այդպես վարվեր, ինչպես վարվում է այդ կանանց հետ։
XVI
Հանկարծ ամեն ինչ շարժվեց. հասարակության միջով մի շշունջ անցավ. բազմությունն առաջ շարժվեց, կրկին բաժանվեցին և այդ բաժանված երկու շարքերի միջով, երաժշտության նվագի տակ ներս մտավ թագավորը։ Նրան հետևում էին տանտերն ու տանտիրուհին։ Թագավորը առաջ էր գալիս աջ ու ձախ գլուխ տալով, կարծես աշխատում էր շուտով ազատվել հանդիպումի այդ առաջին վայրկյանից։ Երաժշտախումբը նվագում էր լեհականը, որն այն ժամանակ հայտնի էր թագավորի վրա հեղինակած խոսքերով։ Այդ երգն սկսվում էր. «Ալեքսանդր, Ելիզավետա, դուք հիացնում եք մեզ…» խոսքերով։ Թագավորն անցավ հյուրասրահ, իսկ հասարակությունը հավաքվեց դռների մոտ, մի քանի անձնավորության՝ այլափոխված դեմքերով շտապ անցան այնտեղ ու դուրս եկան։ Հասարակությունը կրկին ետ քաշվեց հյուրասրահի դռներից, ուր երևաց թագավորը՝ տանտիրուհու հետ խոսակցելով։ Մի երիտասարդ՝ շփոթված տեսքով դիմեց կանանց, խնդրելով մի կողմ քաշվել։ Մի քանի տիկիններ, որոնց դեմքն արտահայտում էր աշխարհում ընդունված բոլոր կանոնների մոռացումը, իրենց տուալետը փչացնելով, սեղմվում էին դեպի առաջ։ Տղամարդիկ մոտեցան կանանց և սկսեցին լեհական պարի զույգեր կազմել։
Բոլորը ճանապարհ տվին, և թագավորը, ժպտալով և առանց որևէ տակտ պահպանելու, տանտիրուհու ձեռը բռնած, դուրս եկավ հյուրասրահից։ Նրանց հետևեցին տանտերը՝ Մ. Ա. Նարիշկինայի հետ, ապա անցան դեսպանները, մինիստրները, զանազան գեներալներ, որոնց անուններն անդադար տալիս էր Պերոնսկայան։ Կանանց մեծ մասն արդեն կավալերներ ունեին և մասնակցում էին կամ պատրաստվում էին մասնակցել լեհական պարին։ Նատաշան զգում էր, որ ինքը մոր ու Սոնյայի հետ մնացել է կանանց փոքրամասնության մեջ, որ քաշվել-խմբվել էր պատի մոտ և դեռ պարի հրավեր չէր ստացել։ Նատաշան կանգնել էր և, բարակ ձեռները կախ գցած և հազիվ ձևավորված ու հավասար բարձրացող կրծքում շունչը պահած,— շողշողուն ու վախեցած աչքերով նայում էր իր առջևը. նրա դեմքի արտահայտությունից երևում էր, որ նա պատրաստ է թե՛ ամենամեծ խնդության, թե՛ մեծագույն վշտի։ Նրան չէին հետաքրքրում ո՛չ թագավորը, ո՛չ էլ այն բոլոր նշանավոր մարդիկ, որոնց ցույց էր տալիս Պերոնսկայան,— նրան զբաղեցնում էր միայն մի միտք. «Մի՞թե ինձ ոչ ոք չի մոտենալու, մի՞թե ես չեմ պարելու առաջին զույգերի հետ, մի՞թե ինձ չպետք է նկատեն բոլոր այս տղամարդիկ, որ հիմա, թվում է թե չեն էլ տեսնում ինձ, իսկ եթե ինձ նայում են, նայում են այնպիսի արտահայտությամբ, որ կարծես ասում են. ա՜, սա նա չէ, ուրեմն և չարժե նայել։ Ո՛չ այդ չի կարող լինել,— մտածեց Նատաշան,— նրանք պետք է իմանան, թե որքա՛ն ես պարել եմ ուզում, որքա՛ն լավ եմ պարում և որքա՛ն գոհ կմնան, եթե հետս պարեն»։
Լեհականի (որ բավական երկար շարունակվեց) հնչյուններն արդեն սկսել էին տխուր հնչել,— իբրև հիշողություն Նատաշայի ականջներում։ Նա ուզում էր լաց լինել։ Պերոնսկայան հեռու էր քաշվել նրանցից։ Կոմսը դահլիճի մյուս ծայրումն էր, կոմսուհին, Սոնյան և նա մնացել էին մենակ այդ խորթ հասարակության մեջ, ինչպես անտառում, չհետաքրքրելով ու պետք չգալով ոչ ոքի։ Իշխան Անդրեյը մի ինչ-որ կնոջ հետ անցավ նրանց կողքով, ըստ երևույթին, չճանաչելով նրանց։ Գեղեցիկ Անատոլը ժպտալով ինչ-որ բան էր ասում մի կնոջ, որին առաջնորդում էր. նա Նատաշայի երեսին նայեց այնպիսի հայացքով, որով նայում են միայն պատին։ Բորիսը երկու անգամ անցավ նրանց առջևից, և երկու անգամ էլ երեսը շրջեց։ Բերգն ու կինը, որ չէին պարում, մոտեցան նրանց։
Նատաշային վիրավորական թվաց ընտանեկան այդ մերձեցումն այստեղ՝ պարահանդեսում. կարծես ընտանեկան խոսակցության համար ուրիշ տեղ չկար, բացի պարահանդեսից։ Նա ոչ լսում էր, ոչ էլ նայում Վերային, որ ինչ-որ բան էր պատմում իր կանաչ զգեստի մասին։
Վերջապես թագավորը կանգ առավ իր վերջին պարընկերուհու կողքին (նա պարեց երեքի հետ) և երաժշտությունը լռեց. մտահոգ ադյուտանտը վազեց դեպի Ռոստովները և խնդրեց նրանց դեռ էլի մի կողմ քաշվել, թեև նրանք կանգնած էին պատի մոտ, և վերնահարկից լսվեցին վալսի պարզ, զգույշ ու գրավիչ-չափավոր հնչյունները։ Թագավորը ժպտերես նայեց դահլիճին։ Անցավ մի րոպե, ոչ ոք դեռ չէր սկսում։ Կարգադրիչ ադյուտանտը մոտեցավ կոմսուհի Բեզուխովային և հրավիրեց։ Կոմսուհին ժպտալով բարձրացրեց ձեռը և, առանց ադյուտանտին նայելու, դրավ նրա ուսին։ Կարգադրիչ ադյուտանտը, իր գործին հմուտ,— վստահ, հանդարտ ու համաչափոր են ամուր գրկելով իր պարընկերուհուն՝ սկզբում սահուն քայլերով, շրջանի մի ծայրից նետվեց պարի մեջ. դահլիճի անկյունում նա բռնեց պարընկերուհու ձախ ձեռը, շրջեց այն, և ապա երաժշտության հետզհետե արագացած հնչյունների տակ լսվում էին միայն ադյուտանտի արագ ու թեթև ոտների խթանների համաչափ շխկոցները և շրջադարձի յուրաքանչյուր երեք տակտից հետո, կարծես բռնկվելով, ծածանվում էր նրա պարընկերուհու թավշյա զգեստը։ Նատաշան նայում էր նրանց ու քիչ էր մնում լաց լինի, որ վալսի այդ առաջին տուրը ինքը չի պարում։
Իշխան Անդրեյն իր գնդապետական սպիտակ մունդիրով (հեծելազորի համար ընդունված ձևի,) գուլպաներով ու կոշիկներով, զվարթ և ուրախ դեմքով կանգնած էր պարաշրջանի առաջին շարքերում, Ռոստովներից ոչ հեռու։ Բարոն Ֆիրհոֆը նրա հետ խոսում էր Պետական խորհրդի վաղը կայանալիք նիստի մասին։ Իշխան Անդրեյը, իբրև Սպերանսկու մոտիկ մարդ և օրենսդիր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցողներից մեկը, կարող էր ճիշտ տեղեկություններ տալ վաղվա նիստի մասին, որի առթիվ զանազան լուրեր էին պտտվում։ Բայց իշխան Անդրեյը Ֆիրհոֆի ասածները չէր լսում, և նայում էր մերթ թագավորին, մերթ պարելու պատրաստվող կավալերներին, որոնք չէին վստահում պարաշրջան մտնել։
Իշխան Անդրեյը դիտում էր թագավորի ներկայությունից ճնշվող այդ կավալերներին ու այն կանանց, որոնք հալ ու մաշ էին լինում հրավիրված լինելու ցանկությունից։
Պիեռը մոտեցավ իշխան Անդրեյին և նրա ձեռը բռնեց։
— Դուք միշտ պարում եք. այստեղ է իմ protégée երիտասարդ Ռոստովան, նրան հրավիրեցեք,— ասավ նա։
— Ո՞ւր է,— հարցրեց Բալկոնսկին։— Ներողություն,— ասավ նա դառնալով բարոնին,— այս խոսակցությունը մենք մի ուրիշ տեղ կավարտենք, իսկ պարահանդեսում պետք է պարել։— Նա առաջ գնաց դեպի այն ուղղությամբ, որ ցույց տվեց Պիեռը։ Իշխան Անդրեյի աչքովն ընկավ Նատաշայի հաստհատ, նվաղուն դեմքը։ Նա իսկույն ճանաչեց նրան, գուշակեց նրա ապրումները, հասկացավ, որ նա սկսնակ է, հիշեց նրա խոսակցությունը պատուհանի մոտ և դեմքի ուրախ արտահայտությամբ մոտեցավ կոմսուհի Ռոստովային։
— Թույլ տվեք ձեզ ծանոթացնել իմ աղջկա հետ,— ասավ կոմսուհին կարմրելով։
— Ես ծանոթ լինելու պատիվն ունեմ, եթե կոմսուհին հիշում է ինձ,— ասավ իշխան Անդրեյը վալելուչ ու խոնարհ ողջույնով, որ միանգամայն հակասում էր Պերինսկայայի այն դիտողություններին, թե նա կոպիտ է, և Նատաշային մոտենալով, ձեռը տարավ, որ նրա իրանը գրկի, ավելի շուտ, քան պարի հրավերը կաներ։ Իշխան Անդրեյը վալսի մի տուր առաջարկեց։ Նատաշայի դեմքի նվաղուն արտահայտությանը, որ մոտ էր հուսահատության ու հիացումի, հանկարծ լուսավորվեց մանկական երջանիկ շնորհապարտ ժպիտով։
«Ես քեզ վաղուց էի սպասում», կարծես ասում էր այդ վախեցած ու երջանիկ աղջիկը՝ պատրաստ արցունքների տակից երևացող ժպիտով, դնելով իր ձեռը իշխան Անդրեյի ուսին։ Նրանք պարաշրջան կազմող զույգերից երկրորդն էին։ Իշխան Անդրեյը ժամանակի լավագույն պարողներից մեկն էր։ Նատաշան պարում էր հիանալի։ Նրա նուրբ ոտները պարահանդեսային աթլասե կոշիկներով, արագ, թեթև և իրենից անկախ անում էին իրենց գործը, իսկ դեմքը փայլում էր երջանկության խնդումից։ Նրա հոլանի վիզն ու ձեռները նիհար էին ու տգեղ, Էլենի ուսերի համեմատությամբ։ Նատաշայի ուսերը նիհար էին, կուրծքը չձևավորված, ձեռները բարակ. բայց Էլենի վրա արդեն կարծես լաք էր մնացել այն հազարավոր հայացքներից, որ սահում էին նրա մարմնի վրայով, իսկ Նատաշան թվում էր մի աղջիկ, որին առաջին անգամն են մերկացրել և որի համար մեծ ամոթ կլիներ, եթե նրան չհավատացնեին, թե դա շատ անհրաժեշտ է։
Իշխան Անդրեյը սիրում էր պարել և, ցանկանալով որքան կարելի է շուտ ազատվել քաղաքական ու լուրջ զրույցներից, որ բոլորն սկսում էին նրա հետ, ցանկանալով որքան կարելի է շուտ վանել իրեն անախորժ շփոթմունքը, որ առաջացել էր թագավորի ներկայությունից, նա գնաց պարելու և Նատաշային ընտրեց հենց այն պատճառով, որովհետև Պիեռը մատնացույց արավ նրան, և այն պատճառով, որովհետ և գեղեցկատես կանանց մեջ Նատաշան առաջինն ընկավ նրա աչքով, բայց նա հազիվ գրկել էր այդ բարակ, շարժուն իրանը և հազիվ Նատաշան շարժվեց ու ժպտաց նրան այնքան մոտիկ, որ նրա հրապուրանքն իսկույն արբեցրեց իշխան Անդրեյին. և իշխան Անդրեյն իրեն կենդանացած ու երիտասարդացած զգաց միայն ա՛յն ժամանակ, երբ շունչ քաշելով ու Նատաշային թողնելով, կանգ առավ ու սկսեց պարողներին նայել։
XVII
Իշխան Անդրեյից հետո Նատաշային մոտ եցավ Բորիսն ու նրան հրավիրեց պարի, մոտեցավ և այն պարող ադյուտանտը, որն սկսեց պարահանդեսը, մոտեցան և ուրիշ երիտասարդներ. Նատաշան իր ավելորդ կավալերներին Սոնյային հանձնելով, ինքը երջանիկ սրտով և կարմրատակած դեմքով պարեց ամբողջ երեկո։ Նա չնկատեց և չտեսավ, թե պարսհանդեսում ի՛նչն է ավելի գրավում բոլորին։ Նատաշան ոչ միայն չնկատեց, թե ինչպես թագավորը երկար ժամանակ խոսում էր ֆրանսական դեսպանի հետ, թե ինչպես նա առանձին ողորմածությամբ զրուցեց ինչ-որ մի տիկնոջ հետ, թե ինչպես պրինց այնինչն ու այնինչը ա՛յս արին կամ ա՛յն ասին, ինչպես Էլենը մեծ հաջողություն ունեցավ ու արժանացավ այսինչի առանձին ուշադրության. նա չտեսավ նույնիսկ թագավորին և նկատեց միայն նրա գնալը, և այդ այն պատճառով միայն, որովհետև թագավորի գնալուց հետո պարահանդեսն ավելի աշխուժացավ։ Ընթրիքից առաջ տեղի ունեցավ ամենաուրախ կատիլոնը, որն իշխան Անդրեյը պարեց դարձյալ Նատաշայի հետ։ Իշխան Անդրեյը նրան հիշեցրեց Օտրադնոյի ծառուղում տեղի ունեցած առաջին հանդիպումը և այն, թե ինչպես Նատաշան չկարողացավ քնել լուսնկա գիշերը և թե ինչպես ինքը՝ իշխան Անդրեյը ակամա լսում էր նրան։ Նատաշան կարմրեց այդ հիշատակությունից և աշխատեց արդարանալ, կարծես թե մի ամոթալի բան կար այն զգացման մեջ, որի զեղումն ակամա լսել էր իշխան Անդրեյը։
Իշխան Անդրեյը, ինչպես բարձր շրջաններում մեծացած բոլոր մարդիկ, սիրում էր բարձր շրջաններում տեսնել այն, ինչ իր վրա չէր կրում այդ շրջանի ընդհանուր աշխարհիկ կնիքը։ Այդպիսին էր և Նատաշան իր զարմանքով, ուրախությունով ու ամաչկոտությամբ և նույնիսկ ֆրանսերենի մեջ արած սխալներով։ Իշխան Անդրեյն առանձին քնքշությամբ ու խնամքով էր վերաբերվում Նատաշային և խոսում նրա հետ։ Նատաշայի կողքին նստած, նրա հետ խոսելով ամենաչնչին ու հասարակ առարկաների մասին, իշխան Անդրեյը հիանում էր նրա աչքերի ու ժպտի խնդագին փայլից, որ կապ ունեին ո՛չ թե նրա ասած խոսքերի, այլ նրա ներքին երջանկության հետ։ Այն ժամանակ, երբ Նատաշային հրավիրում էին և նա ժպտադեմ ելնում ու պարում էր դահլիճում, իշխան Անդրեյը զմայլվում էր հատկապես նրա ամաչկոտ նազանքով։ Վերջապարի կիսին Նատաշան ֆիգուրան վերջացնելով, տակավին ծանր շնչելով, մոտենում էր իր տեղին։ Մի նոր կավալեր կրկին հրավիրեց նրան։ Նատաշան հոգնել էր ու հազիվ էր շունչ քաշում և, ըստ երևույթին, մտածում էր հրաժարվել, բայց կրկին ուրախ՝ ձեռը դրավ կավալերի ուսին ու ժպտաց իշխան Անդրեյին։
«Ուրախ կլինեի հանգստանալ և ձեզ մոտ նստել, հոգնել եմ, բայց տեսնում եք, ինչպես են հրավիրում ինձ, և ես ուրախ եմ սրա համար, ես երջանիկ եմ և սիրում եմ բոլորին, մենք ձեզ հետ միասին հասկանում ենք բոլորը», և էլի շատ ու շատ բաներ ասաց այդ ժպիտը։ Երբ կավալերը նրան թողեց, Նատաշան դահլիճի միջով վազեց, որ երկու կին հրավիրի ֆիգուրաներ կատարելու համար։
«Եթե նա առաջ մոտենա իր կուզինին, ապա մյուս կնոջը, նա իմ կինը կլինի», բոլորովին անսպասելի կերպով ասավ ինքն իրեն իշխան Անդրեյը, Նատաշային նայելով։ Նատաշան նախ կուզինին մոտեցավ։
«Երբեմն ի՞նչ դատարկ բաներ են ծագում մարդու գլխում»,— մտածեց իշխան Անդրեյը. «բայց ճշմարիտն ասած՝ այդ աղջիկը այնքան գրավիչ է, այնքան յուրահատուկ, որ դեռ մի ամիս չպարած նա կամուսնանա… Դա այստեղ հազվագյուտ բան է», մտածեց նա, երբ Նատաշան կորսաժի վրա թեքված վարդն ուղղելով, նստեց նրա կողքին։
Վերջապես վերջում ծեր կոմսը՝ կապույտ ֆրակը հագին մոտեցավ պարողներին։ Նա իր մոտ հրավիրեց իշխան Անդրեյիքին և աղջկան հարցրեց, թե ուրա՞խ է նա արդյոք։ Նատաշան չպատասխանեց և ժպտաց մի այնպիսի ժպիտով, որ կարծես հանդիմանանքով ասում էր, թե «ինչպե՞ս կարելի էր այդ մասին հարցնել»։
— Այնքան ուրախ եմ, ինչպես երբեք կյանքումս,— ասավ նա, և իշխան Անդրեյը նկատեց, թե ինչպես Նատաշայի նիհար ձեռներն արագ բարձրացան հորը գրկելու համար ու իսկույն էլ ցած իջան։ Նատաշան այնքան երջանիկ էր, ինչպես երբեք դեռ չէր եղել կյանքում։ Նա գտնվում էր երջանկության այն ամենաբարձր աստիճանի վրա, երբ մարդ դառնում է բոլորովին բարի ու լավ, և չի հավատում չարիքի, դժբախտության ու վշտի հնարավորության։
Պիեռն առաջին անգամ այդ պարահանդեսում իրեն վիրավորված զգաց այն դիրքից, որ ուներ կինը բարձր շրջաններում։ Նա մռայլ էր ու ցրված։ Նրա ճակատի վրա կար մի լայն կնճիռ, և նա լուսամուտի մոտ կանգնած, նայում էր ակնոցի միջով ու ոչ ոքի չէր տեսնում։
Նատաշան, ընթրիքի գնալու ժամանակ, անցավ նրա մոտով։
Պիեռի մռայլ, դժբախտ դեմքը նրան զարմացրեց։ Նա կանգ առավ նրա դիմաց։ Նատաշան ուզում էր օգնել նրան, տալ նրան իր երջանկության ավելցուկը։
— Ի՛նչ ուրախալի է, կոմս,— ասավ նա։— այնպես չէ՞։
Պիեռը ցրված ժպտաց, ըստ երևույթին, չհասկանալով թե ինչ են ասում իրեն։
— Այո, շատ ուրախ եմ,— ասավ նա։
«Ինչպես կարող են սրանք դժգոհ լինել որևէ բանից», մտածեց Նատաշան, «մանավանդ մի այսպիսի լավ մարդ, ինչպիսին այս Բեզուխովն է»։ Նատաշայի աչքում պարահանդեսում եղած բոլոր մարդիկ միատեսակ բարի էին, սիրելի, սքանչելի ու միմյանց սիրող. մեկը մյուսին չէր կարող վիրավորել, ուստի և բոլորը պետք է որ երջանիկ լինեին։
XVIII
Հետևյալ օրը իշխան Անդրեյը հիշեց երեկվա պարահանդեսը, բայց նրա մտքերը երկար կանգ չառան դրա վրա։ «Այո, շատ փայլուն պարահանդես էր։ Եվ հետո… Հա՛, Ռոստովան շատ լավն է։ Նրա մեջ մի ինչ-որ թարմ, առանձնահատուկ, ոչ Պետերբուրգյան բան կա, որ նրան տարբերում է»։ Ահա այն ամենը, ինչ մտածեց նա երեկվա պարահանդեսի մասին, և թեյ խմելով, նստեց աշխատելու։
Բայց հոգնածությունից թե անքնությունից (օրը վատ էր զբաղմունքի համար, և իշխան Անդրեյը ոչինչ չկարողացավ անել) նա ինքը շարունակ քննադատում էր իր աշխատանքը, ինչպես այդ հաճախ էր պատահում նրան, և ուրախացավ, երբ լսեց, որ մեկն եկավ։
Եկողը Բիցկին էր, որ ծառայում էր զանազան հանձնաժողովներում, լինում էր Պետերբուրգի բոլոր ընկերությունների մեջ. նա մոլի երկրպագուն էր նոր գաղափարների ու Սպերանսկու և միաժամանակ Պետերբուրգի հոգածու լրատուն՝ մեկն այն մարդկանցից, որոնք ուղղությունն ընտրում են, ինչպես հագուստը ըստ մոդայի, բայց որոնք դրա համար էլ թվում են ուղղության ամենաջերմ կողմնակիցներ։ Նա մտահոգ դեմքով, հազիվ գլխարկը հանելով, վազեց իշխան Անդրեյի մոտ և իսկույն սկսեց խոսել։ Նա հենց նոր էր իմացել Պետական խորհրդի այս առավոտվա թագավորի կողմից բացած նիստի մանրամասնությունները, ու հիացմունքով պատմում էր այդ մասին։ Թագավորի ճառն անսովոր մի ճառ էր։ Դա այն ճառերից մեկն էր, որ արտասանում են միայն սահմանադրական միապետները։ «Թագավորն ուղղակի ասել է, որ խորհուրդը և սենատը պետական դասային հաստատություններ են։ Նա ասել է, որ վարչաձևը պետք է հիմք ունենա ոչ թե կամայականությունը, այլ հաստատ սկզբունքներ։ Թագավորն ասել է, որ ֆինանսները պետք է բարենորոգվեն և նրանց հաշվետվությունները՝ լինեն հրապարակային», պատմում էր Բիցկին, որոշ խոսքեր շեշտելով և աչքերը նշանակալից կերպով չռելով։
— Այո, այս դեպքը մի դարաշրջան, մի մեծ դարաշրջան է կազմելու մեր պատմության մեջ,— եզրափակեց նա։
Իշխան Անդրեյը լսեց Պետական խորհրդի բացման պատմությունը, մի բացում, որին նա սպասում էր մեծ անհամբերությամբ և վերագրում էր նրան մեծ կարևորություն, և զարմանում էր, որ այժմ, երբ այդ դեպքը կատարվել էր, ոչ միայն չի հուզում իրեն, այլև ավելի քան չնչին է երևում նրան։ ԲԻցկու խանդավառ պատմությունը նա լսում էր հանդարտ քմծիծաղով։ Եվ հանկարծ մի շատ հասարակ միտք եկավ նրա գլուխը. «Իմ և Բիցկու ի՛նչ գործն է, մենք ի՛նչ գործ ունենք, թե թագավորին ի՛նչ է հաճելի եղել ասել խորհրդում։ Մի՞թե այդ բոլորը կարող է ավելի բարելավել իմ վիճակը և ավելի երջանիկ դարձնել ինձ»։
Եվ այս պարզ դատողությունը հանկարծ ի չիք դարձրեց կատարվող բարենորոգումների նախկին բովանդակ հետաքրքրությունն իշխան Անդրեյի համար։ Այդ օրն իշխան Անդրեյը պետք է ճաշեր Սպերանսկու մոտ «en petit comité», ինչպես հայտնել էր նրան տանտերը՝ ճաշի հրավիրելիս։ Այդ ճաշը, որ կայանալու էր այն մարդու ընտանեկան և ընկերական շրջանում, որով նա այնպես հիանում էր առաջ, շատ էր հետաքրքրում իշխան Անդրեյին, մանավանդ որ մինչ այդ նա Ապերանսկուն չէր տեսել իր տնային միջավայրում, բայց այժմ նա ճաշի գնալու ցանկություն չուներ։
Սակայն նշանակած ժամին արդեն իշխան Անդրեյը մտավ Սպերանսկու սեփական փոքրիկ տունը, որ գտնվում էր Տավրիկյան այգու մոտ։ Փոքրիկ տան՝ պարկետի հատակ ունեցող սեղանատանը, որն աչքի էր ընկնում արտասովոր մաքրությամբ (որ հիշեցնում էր վանական մաքրություն), իշխան Անդրեյը, որ փոքր-ինչ ուշացել էր, տեսավ այդ petit comité-ն, դեռ ժամը հինգից հավաքված։ Դրանք Սպերանսկու մտերիմ ծանոթներն էին։ Ոչ մի կին չկար, բացի Սպերանսկու փոքրիկ աղջկանից (որն ուներ հոր նման երկարուկ դեմք) և նրա դաստիարակչուհուց։ Հյուրերն էին՝ Ժերվեն, Մագնիցկին ու Ստոլիպինը։ Դեռ նախասենյակում իշխան Անդրեյը լսեց բարձր ձայներ ու հնչեղ պարզ ծիծաղ, մի ծիծաղ, որով ծիծաղում են միայն բեմի վրա։ Մեկը՝ Սպերանսկու ձայնի նման ձայնով քրքջում էր. «քա՛հ… քա՛հ… քա՛հ…»։ Իշխան Անդրեյը Սպերանսկու ծիծաղը երբեք չէր լսել, և պետական մարդու այդ հնչեղ, նուրբ ծիծաղը տարօրինակ կերպով զարմացրեց նրան։
Իշխան Անդրեյը սեղանատուն մտավ։ Բոլորը կանգնած էին լուսամուտների արանքում՝ ակռատի փոքրիկ սեղանի շուրջը։ Սպերանսկին՝ աստղը կրծքին, մոխրագույն ֆրակով, ըստ երևույթին, դեռ նույն սպիտակ ժիլետով ու հաստ սպիտակ փողկապով, որով նա ներկա էր եղել Պետական խորհրդի հռչակավոր նիստին,— ուրախադեմ կանգնած էր սեղանի մոտ։ Նրան շրջապատել էին հյուրերը։ Մագնիցկին, դիմելով Միխայիլ Միխայլովիչին, անեկդոտ էր պատմում. Սպերանսկին լսում էրք նախապես ծիծաղելով այն բանի վրա, ինչ ասելու էր Մագնիցկին։ Այն միջոցին, երբ իշխան Անդրեյը սենյակ մտավ, Մագնիցկու խոսքերը կրկին խլացան ձիծաղով։ Ատոլիպինը, հաց ու պանիր ծամելով, բարձր խոսում էր իր թավ ձայնով. հանդարտ ծիծաղում շվշվացնում էր Ժերվենը, և մեղմ ու որոշ ծիծաղում էր Սպերանսկին։
Սպերանսկին, ծիծաղը բերանին, իշխան Անդրեյին մեկնեց իր սպիտակ, քնքուշ ձեռը։
— Շատ ուրախ եմ ձեզ տեսնելուս, իշխան,— ասավ նա։— Մի րոպե,— դիմեց նա Մագնիցկուն, ընդհատելով նրա պատմությունը,— մենք պայմանավորվել ենք, որ այսօրվա ճաշը՝ ուրախության ճաշ է, և գործի մասին ոչ մի խոսք չպիտի լինի։— Եվ նա կրկին դարձավ պատմողներին ու կրկին ծիծաղեց։
Իշխան Անդրեյը զարմանքով և հիասթափության վշտով լսում էր նրա ծիծաղը և նայում ծիծաղող Սպերանսկուն։ Իշխան Անդրեյին թվում էր որ դա Սպերանսկին չէ, այլ մի ուրիշ մարդ։ Այն բոլորը, ինչ իշխան Անդրեյին թվում էր խորհրդավոր ու գրավիչ Սպերանսկու մեջ, այդ ամենը հանկարծ դարձավ պարզ ու ոչ գրավիչ։
Խոսակցությունը մի ակնթարթ անգամ չէր դադարում սեղանի շուրջը և կազմված էր կարծես զավեշտական անեկդոտների ժողովածուից։ Մագնիցկին դեռ չէր վերջացրել իր պատմությունը, երբ մի ուրիշը պատրաստակամություն հայտնեց պատմելու մի այլ բան, որ ավելի ծիծաղաշարժ էր։ Անեկդոտները մեծ մասամբ վերաբերում էին եթե ոչ ծառայողական կյանքին, այլ ծառայող անձանց։ Թվում էր, թե այդ հասարակության մեջ վերջնականապես արմատացած է այն միտքը, որ այդ անձինք չնչին մարդիկ են, որ միակ վերաբերմունքը դեպի նրանք կարող է լինել միայն բարյացակամ-կոմիկական։ Սպերանսկին պատմեց, թե ինչպես խորհրդի այսօրվա նիստում մի խուլ բարձրաստիճան անձի հարցրին, թե ի՛նչ կարծիքի է ինքը, նա պատասխանեց, որ ինքը նույն կարծիքի է։ Ժերվեն պատմեց վերաքննչական մի ամբողջ գործ, որն աչքի էր ընկնում բոլոր գործող անձերի անմտությամբ։ Ստոլիպինը, կակազելով, միջամտեց խոսակցության և սկսեց տաքացած խոսել իրերի նախկին դրությունը ի չարը գործ դնելու մասին, սպառնալով խոսակցությանը լուրջ բնույթ տալ։ Մագնիցկին սկսեց ծիծաղել Ստոլիպինի տաքանալու վրա, Ժերվեն մի հանաք մեջ գցեց և խոսակցությունը նորից ընդունեց նախկին ուրախ ընթացքը։
Ըստ երևույթին, Սպերանսկին, աշխատանքներից հետո, սիրում էր հանգստանալ և ուրախանալ ընկերական շրջանում, և հյուրերը, նրա ցանկությունը հասկանալով, աշխատում էին նրան ուրախացնել և իրենք էլ ուրախանալ։ Բայց այդ ուրախությունն իշխան Անդրեյին թվում էր ծանր ու անուրախ։ Սպերանսկու ձայնի նուրբ հնչյունները անախորժ էին թվում նրան, և նրա չդադարող ծիծաղը իր կեղծ շեշտով, չգիտես ինչու, վիրավրրում էր իշխան Անդրեյի զգացմունքը։ Իշխան Անդրեյն ինքը չէր ծիծաղում և վախենում էր, թե մի գուցե, ծանր բեռ լինի այդ հասարակության համար։ Բայց ոչ ոք չնկատեց նրա՝ ընդհանուր տրամադրության անհամապատասխան լինելը։ Թվում էր, թե բոլորն էլ շատ ուրախ էին։
Նա մի քանի անգամ ցանկացավ խոսակցությանը միջամտել, բայց ամեն անգամ էլ նրա խոսքը դեն էր շպրտվում, ինչպես խցանը ջրից, ուստի և նա չկարողացավ հանաքներ անել նրանց հետ միասին։
Ոչինչ վատ կամ անտեղի բան չկար այն բանում, ինչ ասում էին նրանք. ամեն ինչ սուր էր, խելացի և կարող էր ծիծաղելի լինել, բայց մի ինչ-որ բան, որ կազմում է ուրախության աղը ոչ միայն չկար, այլ նրանք չգիտեին էլ, թե դա լինում է։ Ճաշից հետո Սպերանսկու աղջիկն իր դաստիարակչուհու հետ վեր կացան սեղանից։ Սպերանսկին իր սպիտակ ձեռով փաղաքշեց աղջկան ու համբուրեց նրան։ Իշխան Անդրեյին այդ բանն էլ անբնական թվաց։
Տղամարդիկ, ըստ անգլիական սովորության, մնացին սեղանի մոտ՝ պորտվեյն խմելու։ Սկսված խոսակցության կեսին, որ վերաբերում էր Նապոլեոնի սպանական արշավանքին, որոնց հավանություն տալով, բոլորն էլ միատեսակ կարծիքի էին,— իշխան Անդրեյն սկսեց նրանց հակաճառել։ Սպերանսկին ժպտաց և, ըստ երևույթին, ցանկանալով խոսակցության ընթացքը փոխել, պատմեց մի անեկդոտ, որ ոչ մի կապ չուներ խոսակցության հետ։ Մի քանի ակնթարթ բոլորը լռեցին։
Նստելով սեղանի մոտ, Սպերանսկին խցեց գինու շիշը և «այժմ լավ գինին կոշիկներով է ման գալիս» ասելով, տվեց այն ծառային ու վեր կացավ։ Բոլորը վեր կացան և նույնպես աղմկալի խոսելով, անցան հյուրասրահ։ Այնտեղ Սպերանսկուն տվին երկու ծրար, որ բերել էր սուրհանդակը։ Նա ծրարները վերցրեց և մտավ առանձնասենյակը։ Հենց որ նա դուրս եկավ, ընդհանուր ուրախությունը դադարեց և հյուրերն ըսկսեցին լրջորեն ու հանդարտ խոսակցել միմյանց հետ։
— Դե՛, հիմա արտասանությո՜ւն,— ասավ Սպերանսկին առանձնասենյակից դուրս գալով։— Զարմանալի տաղանդ է,— դիմեց նա իշխան Անդրեյին։ Մագնիցկին իսկույն պատշաճ դիրք ընդունեց և սկսեց արտասանել ֆրանսական ծիծաղաշարժ ոտանավորներ, որ հեղինակել էր ինքը Պետերբուրգի մի քանի անձերի վրա։ Ոտանավորների արտասանությունը մի քանի անգամ ընդհատվեց ծափահարություններով։ Արտասանությունից հետո իշխան Անդրեյը մոտեցավ Սպերանսկուն՝ հրաժեշտ տալու։
— Ո՞ւր այդպես վաղ,— ասավ Սպերանսկին։
— Խոստացել եմ երեկույթի գնալ…
Նրանք լռեցին։ Իշխան Անդրեյը մոտից նայեց այդ հայելանման աչքերին, որ օտար աչքի թույլ չէին տալիս մոտենալ իրենց, և նրան ծիծաղելի թվաց, թե ինչպես ինքը կարող էր որևէ բան սպասել Սպերտնսկուց ու իր ամբողջ գործունեությունից, որ կապված էր նրա հետ, և ինչպես ինքը կարևորություն էր տվել այն բանին, ինչ արել էր Սպերանսկին։ Այդ չափած-ձևած անուրախ ծիծաղը երկար ժամանակ չէր դադարում հնչել իշխան Անդրեյի ականջներում, անգամ այն ժամանակ, երբ նա մեկնեց Սպերանսկու տնից։
Տուն վերադառնալով, իշխան Անդրեյն սկսեց վերհիշել այս չորս ամսվա ընթացքում Պետերբուրգում վարած իր կյանքը, իբրև մի ինչ-որ նոր բան։ Նա հիշում էր հոգացողությւնները, որոնումները, զինվորական կանոնադրության իր նախագծի պատմությունը, մի նախագիծ, որն ընդունվեց ի գիտություն, և որի մասին աշխատում էին լռել միայն նրա համար, որովհետև մի ուրիշ, շատ վատ աշխատություն արդեն կազմված ու ներկայացված էր թագավորին. հիշեց կոմիտեի նիստերի մասին, որին անդամակցում էր Բերգը. հիշեց, թե ինչպես այդ նիստերում մանրազնին ու երկարորեն քննվում էր կոմիտեի նիստերի ընթացքին ու ձևերին վերաբերող ամեն մի բան և թե ինչպես շտապ ու կարճ էին անցնում այն ամենը, ինչ վերաբերում էր գործի էությանը։ Նա հիշեց և իր օրենսդրական աշխատանքի մասին, այն մասին, թե ինչպես ինքը հոգածությամբ ռուսերենի էր թարգմանում հռոմեական ու ֆրանսական օրենքների ժողովածուի հոդվածները, և այդ նրան անախորժ թվաց։ Ապա նա կենդանի պատկերացրի Բոգուչարովոն, իր զբաղմունքները գյուղում, իր ճամփորդությունը դեպի Ռյազան, հիշեց գյուղացիներին, տանուտեր Դրոնին, և դրանց կցելով ըստ պարագրաֆների դասավորված անձանց իրավունքները, նա զարմացավ, թե ինչպես կարող էր ինքը այդքան երկար ժամանակ զբաղվել մի այդպիսի պարապ գործով։
XIX
Հետևյալ օրը իշխան Անդրեյը այցելեց մի քանի տներ, ուր դեռ չէր եղել. դրանց թվում այցելեց և Ռոստովներին, որոնց հետ նա իր ծանոթությունը վերսկսեց վերջին պարահանդեսում։ Բացի քաղաքավարության կանոնները կատարելուց, որոնց համաձայն նա պարտավոր էր լինել Ռոստովների մոտ, իշխան Անդրեյը ցանկանում էր տեսնել այդ տունը և նրանց յուրահատուկ, աշխույժ աղջկան, որ հաճելի հիշողություն էր թողել նրա սրտում։
Առաջին դիմավորողներից մեկն եղավ Նատաշան։ Նա տնային կապույտ զգեստով էր, որով նա իշխան Անդրեյին թվաց ավելի լավ, քան պարահանդեսային զգեստով։ Նատաշան և Ռոստովների ամբողջ ընտանիքը իշխան Անդրեյին ընդունեցին իբրև հին բարեկամի՝ պարզ ու սրտաբաց։ Ամբողջ ընտանիքը, որին իշխան Անդրեյը վերաբերվում էր քննադատաբար, այժմ նրան թվաց սքանչելի, պարզ ու բարի մարդկանցից կազմված։ Մեծ կոմսի հյուրասիրությունն ու բարեհոգությունը, որ առանձնապես հաճելի զարմանք էին պատճառել Պետերբուբգում, այնպես ազդեցին, որ իշխան Անդրեյը չկարողացավ ճաշից հրաժարվել։ «Այո, սրանք բարի, լավ մարդիկ են», մտածում էր Բալկոնսկին. «պարզ է, որ սրանք մազաչափ անգամ չեն գնահատում այն գանձը, որ ունեն հանձին Նատաշայի։ Բայց այս բարի մարդիկ կազմում են մի լավ ֆոն, որի վրա ավելի է աչքի ընկնում այդ գերազանց բանաստեղծական, կենսալից ու սքանչելի աղջիկը»։
Իշխան Անդրեյը հանձին Նատաշայի տեսնում էր իրեն միանգամայն օտար առանձնահատուկ մի աշխարհ, որ լի է իրեն անհայտ ուրախություններով, այն օտար աշխարհը, որ նրան այն ժամանակ Օտրադնոյի ծառուղում և լուսնակ գիշերը պատուհանի մոտ այնպես հեգնում էր իրեն։ Այժմ այդ աշխարհը նրան այլևս չէր հեգնում, ու խորթ չէր նրան, և նա ինքը այդ աշխարհը մտնելով, այնտեղ նոր բավականություն էր գտնում իր համար։
Ճաշից հետո Նատաշան, իշխան Անդրեյի խնդրանքով, մոտեցավ դաշնամուրին ու սկսեց երգել։ Իշխան Անդրեյը կանգնել էր լուսամուտի մոտ և կանանց հետ զրուցելով, լսում էր նրան։ Նախադասության կիսին իշխան Անդրեյը լռեց և անսպասելի կերպով զգաց, որ արցունքները խեղդում են իր կոկորդը, մի բան, որ նա իրենից չէր սպասում։ Նա նայեց երգող Նատաշային և նրա հոգու մեջ կատարվեց մի ինչ-որ նոր ու երջանիկ բան։ Նա երջանիկ էր ու դրա հետ միասին տխուր։ Նա ոչ մի առիթ չուներ լաց լինելու, բայց պատրաստ էր լալ։ Ինչո՞ւ։ Նախկին սիրո համա՞ր։ Փոքրիկ իշխանուհո՞ւ համար։ Իր հիասթափությունների՞ համար… Ապագայի հույսերի համա՞ր… Այո և ոչ։ Այն գլխավոր բանը, որի համար նա ցանկանում էր լալ, դա՝ հանկարծ պարզորոշ գիտակցված այն սոսկալի հակասությունն է, որ կար իր հոգում եղած մի ինչ-որ անսահմանորեն մեծ ու անորոշելի բանի և մի ինչ-որ նեղ ու մարմնական բանի միջև. այդ նեղն ու մարմնականը հանդիսանում էր ինքը և նույնիսկ Նատաշան։ Այդ հակասությունը և՛ տանջում, և՛ ուրախացնում էր նրան Նատաշայի երգի ժամանակ։
Նատաշան երգը վերջացնելուն պես մոտեցավ իշխան Անդրեյին ու հարցրեց, թե որքան իր ձայնը դուր է գալիս նրան։ Նա հարցրեց այդ ու շփոթվեց միայն այդ արդեն ասելուց հետո, հասկանալով, որ այդ չպետք է հարցներ։ Իշխան Անդրեյը նրան նայելով ժպտաց և ասավ, որ նրա երգը իրեն դուր է գալիս այնպես, ինչպես և այն բոլորը, ինչ նա է անում։
Իշխան Անդրեյը Ռոստովների տնից գնաց ուշ երեկոյան։ Նա պառկեց քնելու, բայց շուտով տեսավ, որ քնել չի կարողանում։ Նա մերթ մոմը վառելով, նստում էր անկողնու մեջ, մերթ ելնում, նորից պառկում, անքնությունից բնավ չնեղվելով,— մի այնպիսի խնդագին ու նոր բան կար նրա հոգում, որ նա կարծես հեղձուցիչ սենյակից դուրս էր եկել աստծու ազատ աշխարհը։ Նրա մտքովն էլ չէր անցնում, որ ինքը սիրահարված է Նատաշայի վրա. նա Նատաշայի մասին չէր մտածում, նա միայն երևակայում էր նրան, և այդ պատճառով իր ամբողջ կյանքը նրան ներկայանում էր նոր լույսի տակ։ «Ինչո՞ւ համար եմ չարչարվում այդ նեղ, փակ շրջանակում, երբ կյանքը, ամբողջ կյանքն իր բովանդակ ուրախություններով բաց է իմ առաջ», ասում էր նա ինքն իրեն։ Եվ երկար ժամանակից հետո՝ նա առաջին անգամ սկսեց երջանիկ ծրագիրեր կազմել ապագայի համար նա ինքն իր մեջ վճռեց, թե պետք է, որ ինքն զբաղվի որդու դաստիարակությամբ, մի դաստիարակ գտնելով ու որդուն նրան հանձնելով, հետո պետք է թողնել պաշտոնը և գնալ արտասահման, տեսնել Անգլիան, Շվեյցարիան, Իտալիան։ «Ես պետք է օգտվեմ իմ ազատությունից, քանի դեռ մեջս ուժ և երիտասարդություն եմ զգում», ասում էր նա ինքն իրեն։ «Պիեռն արդարացի էր, ասելով, որ երջանիկ լինելու համար պետք է հավատալ երջանկության հնարավորությանը, և ես այժմ հավատում եմ այդ բանին։ Թողնենք, որ մեռելները թաղեն իրենց մեռելներին, իսկ քանի կենդանի ես՝ պետք է ապրել ու երջանիկ լինել», մտածում էր նա։
XX
Մի առավոտ գնդապետ Ադոլֆ Բերգը, որին Պիեռը ճանաչում էր, ինչպես ճանաչում էր բոլորին Մոսկվայում ու Պետերբուրգում, մաքուր, նոր կարած մունդիրով, քունքերի՝ դեպ առաջ սանրած ու օծած մազերով, ինչպես կրում էր թագավոր Ալեքսանդր Պավլովիչը, եկավ Պիեռի մոտ։
Ես հենց այժմ ձեր ամուսնու՝ կոմսուհու մոտ էի, և այնքան դժբախտ էի, որ իմ խնդիրը չկատարվեց, հույս ունեմ, որ ձեզ մոտ, կոմս, ես ավելի բախտ կունենամ,— ասավ նա ժպտալով։
— Ձեզ ի՞նչ է հարկավոր, գնդապետ։ Ես ձեր տրամադրության տակ եմ։
— Ես, կոմս, արդեն բոլորովին տեղավորվել եմ նոր բնակարանում,— հայտնեց Բերգը, ըստ երևույթին, իմանալով, որ այդ բանը չի կարող հաճելի չլինել,— ուստի և կամեցա մի փոքրիկ երեկույթ սարքել իմ և ամուսնուս ծանոթների համար։ (Նա ժպտաց ավելի դուրեկան)։ Ես կամենում էի խնդրել կոմսուհուն ու ձեզ պատիվ անել ինձ ու շնորհ բերել մեզ մոտ մի բաժակ թեյի և ընթրիքի։
Միայն կոմսուհի Էլենա Վասիլևնան իրեն համար ստորացուցիչ համարելով ինչ-որ Բերգերի հասարակությունը, անսրտություն ունեցավ հրաժարվելու այդ հրավերքից։— Բերգը պարզ բացատրեց, թե ինչո՛ւ ինքը ցանկանում է հավաքել իր մոտ մէ փոքրիկ, բայց լավ հասարակություն, թե ինչո՛ւ դա հաճելի կլինի, և թե ինչո՛ւ ինքը թղթախաղի և ուրիշ որևէ վատ բանի համար խնայում է դրամը, բայց լավ հասարակության համար պատրաստ է և ծախսեր անել։ Պիեռը չկարողացավ հրաժարվել ու խոստացավ գնալ։
— Միայն, կոմս, համարձակվում եմ խնդրել, որ չուշանաք, այսպես — ութից տասը րոպե պակաս, համարձակվում եմ խնդրել։ Մի պարտիա կկազմենք, կլինի և մեր գեներալը։ Նա դեպի ինձ շատ բարեհաճ է։ Կընթրենք, կոմս։ Ուրեմն, շնորհ բերեք։
Հակառակ ուշանալու իր սովորության, Պիեռն այդ օրը, փոխանակ ութ ժամից տասը րոպե պակաս, Բերգերի մոտ եկավ ութին քառորդ պակաս։
Բերգերը պատրաստելով ամենը, ինչ հարկավոր էր երեկույթի համար, սպասում էին հյուրերին։
Նոր, մաքուր, լուսավոր և անդրիներով, պատկերներով ու նոր կարասիներով զարդարված կաբինետում նստած էր Բերգը կնոջ հետ։ Բերգը նոր, կոճկած մունդիրով նստել էր կնոջ կողքին և նրան բացատրում էր, թե միշտ կարելի է և պետք է ծանոթ լինել այն մարդկանց, որոնք քեզանից բարձր են, որովհետև միայն այդպիսի դեպքում հաճույք կա ծանոթության մեջ։— Կարո՛ղ ես օրինակ վերցնել, մի որևէ բան խնդրել։ Եվ ահա՛ այսպես եմ ապրել իմ ստացած առաջին աստիճանից (Բերգն իր կյանքը հաշվում էր ոչ թե տարիներով, այլ բարձրագույն պարգևներով)։ Իմ ընկերները դեռ ոչինչ են, իսկ ես արդեն գնդի հրամանատարի թեկնածու եմ, և ձեր ամուսինը լինելու բախտն ունեմ։ (Նա վեր կացավ ու համբուրեց Վերայի ձեռը, ճամփին ուղղելով գորգի ծռված անկյունը)։ Եվ այս ամենը ես ինչով եմ ձեռք բերել։ Գլխավորապես ծանոթներ ընտրելու կարողությամբ։ Ինքնին հասկանալի է, որ հարկավոր է լինել առաքինի և ճշտապահ։
Բերգը ժպտաց, գիտակցելով իր գերազանցությունը կնոջ թուլության հանդեպ, և լռեց մտածելով, որ այնուամենայնիվ իր այդ լավ կինը մի թույլ էակ է, որ չի կարող հասնել այն ամենին, ինչ կազմում է տղամարդու արժանիքը — ein Mann zu sein։ Միաժամանակ ժպտաց և Վերան, գիտակցելով իր գերազանցությունը առաքինի ու լավ ա մուսնու նկատմամբ, մի ամուսին, որը, ինչպես և բոլոր տղամարդիկ Վերայի հասկացողությամբ, այնուամենայնիվ սխալ էր հասկանում կյանքը։ Բերգը իր կնոջով դատելով, բոլոր կանանց համարում էր թույլ և հիմար։ Վերան էլ՝ միայն իր ամուսնով դատելով՝ և այդ դիտողությունն ընդհանրացնելով, կարծում էր, թե բոլոր տղամարդիկ միայն իրենց են խելոք համարում, այնինչ ոչինչ չեն հասկանում և հպարտ են ու եսամոլ։
Բերգը վեր կացավ և կնոջն զգուշությամբ գրկելով, որ չջարդի նրա ժանեկավոր թիկնոցը, որ թանկ էր առել, համբուրեց նրա շուրթերի մեջտեղը։
— Միայն մի բան կուզեի, որ շուտ երեխաներ չունենանք,— ասավ նա անգիտակցաբար, մտքի հոսանքին անձնատուր։
— Այո,— պատասխանեց Վերան,— ես այդ բոլորովին չեմ ցանկանում։ Պետք է հասարակության համար ապրել։
— Ճիշտ այսպիսի մի բան կար իշխանուհի Յուսուպովայի վրա,— ասաց Բերգը երջանիկ ու բարի ժպտալով ցույց սալով կնոջ թիկնոցը։
Հենց այդ ժամանակ հայտնեցին կոմս Բեզուխովի գալու մասին։ Ամուսիններն իրար նայեցին ինքնագոհ ժպիտով, յուրաքանչյուրն իրեն վերագրելով այդ այցելության պատիվը։
«Ահա թե ի՞նչ է նշանակում ծանոթություններ հաստատել», մտածեց Բերգը. «այ ի՛նչ է նշանակում մարդ իրեն պահել կարողանա»։
— Միայն, խնդրում եմ, երբ ես կզբաղվեմ հյուրերով,—-ասավ Վերան,— դու ինձ չընդհատես, որովհետ և ես գիտեմ, թե ինչով կարելի է զբաղեցնել յուրաքանչյուրին և ի՛նչ հասարակության մեջ ի՛նչ պետք է ասել։
Բերգը նույն պես ժպտաց։
— Չէ որ դա չի լինի. տղամարդկանց հետ երբեմն պիտի տղամարդկային խոսակցություն լինի,— ասավ նա։
Պիեռին ընդունեցին նոր հյուրասրահում, ուր դժվար էր մի տեղ նստել, առանց համաչափությունը, մաքրությունն ու կարգը խանգարելու, ուստի և հասկանալի էր ու ամենևին տարօրինակ չէր, որ Բերգը մեծահոգությամբ առաջարկեց խախտել բազկաթոռի կամ բազմոցի համակարգությունը թանկագին հյուրի համար և, ըստ երևույթին, ինքը դրա համար անորոշության մեջ տանջվելով, հարցի լուծումն առաջարկեց հյուրին։ Պիեռը համակարգությունը քանդեց մի աթոռ առաջ քաշելով, և Բերգն ու Վերան իսկույն ևեթ երեկույթն սկսեցին միմյանց ընդհատելով ու հյուրին զբաղեցնելով։
Վերան մտքում որոշեց, որ Պիեռին պետք է զբաղեցնել ֆրանսական դեսպանատան վերաբերյալ զրույցով, ուստի իսկույն ևեթ խոսակցություն սկսեց այդ մասին։ Բերգը գտնելով, որ հարկավոր է և տղամարդկային խոսակցություն, կնոջն ընդհատեց և խոսք բաց արավ ավստրիական պատերազմի մասին և ընդհանուր խոսակցությունից ակամա անցավ անձնական խնդիրների, խոսեց այն առաջարկությունների մասին, որ արել էին իրեն ավստրիական կռվին մասնակցելու համար, և այն պատճառների մասին, թե ինչո՛ւ ինքը չէր ընդունել առաջարկը։ Չնայած որ խոսակցությունը շատ անհարթ էր և Վերան բարկացավ ամուսնու միջամտությունից, այնուամենայնիվ ամուսիններն զգում էին ուրախությամբ, որ թեև միայն մի հյուր էր եկել, երեկույթն սկսվեց շատ լավ և, ինչպես ջրի երկու կաթիլ, նման էր մյուս բոլոր երեկույթներին՝ իր զրույցներով, թեյով և վառ մոմերով։
Շուտով եկավ և Բորիսը, Բերգի հին ընկերը։ Նրա վերաբերմունքը դեպի Բերգն ու Վերան ուներ սեփական անձի գերազանցության ու հովանավորության շեշտ։ Բորիսից հեաո եկավ մի տիկին՝ գնդապետի հետ, ապա ինքը՝ գեներալը, հետո Ռոստովները, և երեկույթն արդեն միանգամայն նմանեց բոլոր երեկույթներին։ Բերգն ու Վերան չէին կարողանում զսպել իրենց ուրախ ժպիտը, տեսնելով հյուրասրահի այդ շարժումը, այդ անկապ խոսակցությունները, զգեստների շրշյունը և ողջույնների շշունջը։ Ամեն ինչ կար, ինչպես բոլոր երեկույթներում, նման էր մանավանդ գեներալը, որ գովեց բնակարանը, թոթվեց Բերգի ուսը և հայրական ինքնիշխանությամբ կարգադրեց փաստոնի սեղանը սարքել։ Գեներալը նստեց կոմս Իլյա Անդրեյիչի կողքին, իբրև մի մարդու, որը հյուրերից ամենանշանավորն էր՝ իրենից հետո։ Ծերերը նստեցին ծերերի մոտ, երիտասարդները՝ երիտասարդների, տանտիրուհին թեյի սեղանի մոտ, որի վրա կային ճիշտ այնպիսի թխվածքներ արծաթե կողովի մեջ, ինչպիսին կար Պանինների տանը եղած երեկույթում,— մի խոսքով ամեն բան ճիշտ այնպես էր, ինչպես ուրիշների տանը։
XXI
Պիեռն, իբրև պատվավոր հյուրերից մեկը, պետք է փաստոնի նստեր Իլյա Անդրեյիչի, գեներալի ու գնդապետի հետ։ Պիեռին վիճակվեց փաստոնի սեղանի շուրջը նստել հենց Նատաշայի դիմաց և նրան զարմացրեց պարահանդեսից հետո Նատաշայի մեջ տեղի ունեցած փոփոխությունը։ Նատաշան լուռ էր, և նա ոչ միայն այնպե՛ս լավ չէր, ինչպես պարահանդեսում, այլ վատ կլիներ, եթե չունենար այնպիսի հեզ ու անտարբեր վերաբերմունք դեպի ամեն բան։
«Ի՞նչ է պատահել սրան», մտածեց Պիեռը Նատաշային նայելով։ Նատաշան նստել էր քրոջ կողքին, թեյի սեղանի մոտ և դժկամությամբ ինչ-որ պատասխանում էր իրեն մոտ նստած Բորիսին, առանց նրան նայելու։ Հաջողությամբ խաղալով և հինգ ձեռք խփելով, հուրախություն իր խաղընկերոջ, Պիեռը՝ լսելով մեկի ողջույնի խոսքերն ու շահածը հավաքելու ժամանակ սենյակը մտնող ինչ-որ մեկի քայլերի ձայնը, կրկին նայեց Նատաշային։
«Ի՞նչ է պատահել սրան», է՛լ ավելի զարմացած ասավ նա ինքն իրեն։
Իշխան Անդրեյը դեմքի հոգածո-քնքուշ արտահայտությամբ կանգնել էր Նատաշայի առջև ու ինչ-որ բան էր ասում նրան։ Նատաշան գլուխը բարձրացնելով, կարմրատակած և, ըստ երևույթին, աշխատելով զսպել ընդհատվող շնչառությունը, նայում էր նրան։ Եվ նրա մեջ վառվում էր ներքին մի ինչ-որ, երբեմն մարած կրակի պայծառ լույս։ Նատաշան ամբողջովին վերափոխվել էր. նա այլևս տգեղ չէր, դարձյալ այնպես էր, ինչպես պարահանդեսում։
Իշխան Անդրեյը մոտեցավ Պիեռին, և Պիեռն իր բարեկամի դեմքին ևս նկատեց նոր, երիտասարդական արտահայտություն։
Պիեռը խաղի միջոցին մի քանի անգամ տեղը փոխեց, մերթ թիկունքը, մերթ երեսը դարձնելով դեպի Նատաշան, և բոլրո վեց ռոբերի ընթացքում էլ նա դիտում էր Նատաշային ու իր բարեկամին։
«Սրանց մեջ մի ինչ-որ լուրջ բան է կատարվում», մտածում էր Պիեռը և մի ուրախ, ու միաժամանակ մի դառն զգացում նրան ստիպում էր հուզվել ու մոռանալ իր վիշտը։
Վեց ռոբերից հետո գեներալը վեր կացավ, ասելով թե այդպես անհնար է խաղալ, և Պիեռն ազատություն ստացավ։ Նատաշան մի կողմ քաշված խոսում էր Սոնյայի ու Բորիսի հետ, իսկ Վերան նուրբ ժպիտով ինչ-որ բան էր ասում իշխան Անդրեյին։ Պիեռը մոտեցավ իր բարեկամին և հարցրեց, թե գաղտնիք չէ՞ այն, ինչ խոսում են ու նստեց նրանց մոտ։ Վերան, նկատելով իշխան Անդրեյի ուշադրությունը դեպի Նատաշան, գտավ, որ երեկույթում, հենց ա՛յս երեկույթում, անհրաժեշտորեն հարկավոր է, որ զգացմունքների մասին նուրբ ակնարկներ լինեն, ուստի և հարմար ժամանակ ընտրելով, երբ իշխան Անդրեյը մենակ էր, խոսակցություն սկսեց ընդհանրապես զգացմունքների և իր քրոջ մասին։ Նա հարկավոր էր համարում մի այսպիսի խելացի (ինչպես նա համարում էր իշխան Անդրեյին) հյուրի մոտ գործադրել իր դիվանագիտական արվեստը։
Երբ Պիեռը մոտեցավ նրանց, նկատեց, որ Վերան ինքնագոհությամբ տարված էր զրույցով, իսկ իշխան Անդրեյը (ինչ նրան սակավ էր պատահում) շփոթված էր երևում։
— Դուք ի՞նչ եք կարծում, իշխան,— նուրբ ժպիտով ասում էր Վերան։— Դուք իշխան, այնպես խորաթափանց եք և մարդկանց բնավորությունն իսկույն հասկանում եք։ Դուք ի՞նչ կարծիք ունեք Նատաշայի մասին, կարո՞ղ է նա արդյոք այնպես, ինչպես ուրիշ կանայք (Վերան նկատի ուներ իրեն) մի անգամ մեկին սիրելով, հավատարիմ մնալ նրան ընդմիշտ։ Ես դա համարում եմ իսկական սեր։ Դուք ի՞նչ եք կարծում, իշխան։
— Ես ձեր քրոջը շատ քիչ եմ ճանաչում,— պատասխանեց իշխան Անդրեյը հեգնական ժպիտով, որով կամենում էր իր շփոթմունքը թաքցնել,— որ կարողանամ մի այդպիսի խնդիր լուծել. և հետ ես նկատել եմ, որքան կինն ավելի քիչ է դուր գալիս, նա այնքան ավելի հավատարիմ է լինում,— ավելացրեց նա ու նայեց Պիեռին, որ այդ ժամանակ մոտեցավ իրենց։
— Այո, իշխան, այդ ճիշտ է, մեր ժամանակ,— շարունակեց Վերան (մեր ժամանակ ասելով, ինչպես ընդհանրապես սիրում են ասել սահմանափակ մարդիկ, ենթադրելով թե իրենք գտել ու գնահատել են մեր ժամանակի առանձնահատկությունը և թե մարդկանց հատկությունները փոխվում են ժամանակի հետ),— մեր ժամանակ աղջիկն այնքան ազատություն ունի, որ le plaisir d’être courtisée[11] հաճախ նրա մեջ խլացնում է իսկական զգացմունքը։ Et Nathalie, il faut l’avouer, y est très sensible[12]։— Նորից Նատաշային վերադառնալը իշխան Անդրեյին ստիպեց դեմքն անախորժությամբ կնճռել. նա ուզում էր վեր կենալ, բայց Վերան շարունակեց ավելի նուրբ ժպիտով։
— Ես կարծում եմ՝ ոչ ոք այնքան courtisée չի եղել, որքան Նատաշան,— ասավ Վերան,— բայց երբեք, մինչև վերջերս էլ, ոչ ոք նրան կարգին դուր չի եկել։— Դուք լավ գիտեք, կոմս,— դիմեց նա Պիեռին,— նույնիսկ մեր սիրելի cousin Բորիսը, որը, մեր մեջ ասած, եղել է շատ և շատ dans le pays du tendre[13]…
Իշխան Անդրեյը, դեմքը խոժոռած, լուռ էր։
— Դուք չէ՞ որ մտերիմ եք Բորիսի հետ,— ասավ նրան Վերան։
— Այո, ես նրան ճանաչում եմ…
— Երևի նա ձեզ պատմած կլինի իր մանկական սերը դեպի Նատաշան։
— Իսկ մանկական սեր եղե՞լ է,— հանկարծ, անսպասելիորեն շառագունելով հարցրեց իշխան Անդրեյը։
— Այո։ Vous savez entre cousin et cousine cette intimité mène quelquefois à l’amour: le cousinage est un dangereux voisinage, N’est ce pas?[14]
— O՜, անկասկած,— ասավ իշխան Անդրեյը։ և հանկարծ, անբնական կերպով աշխուժանալով, սկսեց Պիեռի հետ կատակել, թե ինչպես ինքը զգույշ պիտի լինի Մոսկվայի իր 50 տարեկան կուզինների վերաբերմամբ և այդ խոսակցության կիսին վերկացավ ու, Պիեռի թևը բռնելով, նրան մի կողմ տարավ։
— Ի՞նչ կա,— ասավ Պիեռը զարմանքով նայելով տարօրինակ կերպով ոգևորված բարեկամին, նկատելով այն հայացքը, որ նա վեր կենալիս գցեց Նատաշայի վրա։
— Ես կամենում եմ, ես կամենում եմ քեզ հետ խոսել,— ասաց իշխան Անդրեյը։— Դու գիտես մեր կանացի ձեռնոցները։ (Նա ակնարկում էր մասոնական այն ձեռնոցների մասին, որ տրվում էին նոր ընտրված եղբորը սիրած կնոջը հանձնելու համար)։ Ես… Բայց ոչ, ես հետո կխոսեմ քեզ հետ…— Եվ տարօրինակ փայլն աչքերում, անհանգիստ շարժումներով իշխան Անդրեյը մոտեցավ Նատաշային ու նստեց նրա մոտ։ Պիեռը նկատեց, որ իշխան Անդրեյն ինչ-որ բան հարցրեց Նատաշայից, իսկ նա՝ բռնկելով, պատասխանում էր նրան։
Բայց այդ ժամանակ Բերգը մոտեցավ Պիեռին ու սկսեց համառորեն խնդրել նրան, որ նա մասնակցի գեներալի ու գնդապետի վեճին, որը վերաբերում էր սպանական գործերին։
Բերգը գոհ էր ու երջանիկ։ Ուրախության ժպիտը նրա դեմքից չէր հեռանում։ Երեկույթը շատ հաջող էր և բոլորովին այնպիսին, ինչպես մյուս երեկույթները, որ նա տեսել էր։ Ամեն ինչ նման էր. թե՛ կանանց նուրբ զրույցները, թե՛ թղթախաղը, թե՛ թուղթ խաղացող ու ձայնը շարունակ բարձրացնող գեներալը, թե՛ ինքնաեռը, թե՛ թխվածքները. բայց մի բան դեռ պակաս էր, ա՛յն, ինչ նա տեսել էր ուրիշ երեկույթներում, որոնց ուզում էր ընդօրինակել, պակասում էր բարձր խոսակցություն տղամարդկանց միջև և՝ վեճ մի որևէ կարևոր ու խելոք բանի մասին։ Այդ խոսակցությունն էլ սկսեց գեներալը, և Բերգր Պիեռին տարավ նրա մոտ։
XXII
Հետևյալ օրն իշխան Անդրեյը գնաց Ռոստովների մոտ ճաշելու, որովհետև կոմս Իլյա Անդրեյիչը հրավիրել էր, ու ամբողջ օրն անցրեց նրանց մոտ։
Տանը բոլորն էլ զգում էին, թե իշխան Անդրեյն ո՛ւմ համար է եկել, և նա առանց թաքցնելու, ամբողջ օրն աշխատում էր Նատաշայի հետ լինել։ Ոչ միայն երկյուղած, սակայն երջանիկ ու խանդավառ Նատաշայի հոգում, այլև ամբողջ ընտանիքում վախ էր զգացվում մի ինչ-որ կարևոր ու լուրջ բանի հանդեպ, որ պետք է կատարվեր։ Կոմսուհին վշտոտ և լուրջ ու սառն աչքերով նայում էր իշխան Անդրեյին, երբ նա խոսում էր Նատաշայի հետ, և երկյուղածությամբ ու շինծու ձևերով որևէ աննշան խոսակցություն էր սկսում, երբ իշխան Անդրեյը նայում էր իրեն։ Սոնյան վախենում էր Նատաշայից հեռանալ, վախենում էր և նրան խանգարել, երբ նա իշխան Անդրեյի հետ էր լինում։ Նատաշան սպասումի երկյուղից գունատվում էր, երբ մի րոպե երես առ երես մնում էր նրա հետ։ Իշխան Անդրեյը նրան զարմացնում էր իր ամաչկոտությամբ։ Նատաշան զգում էր, որ նա իրեն մի բան ունի ասելու, բայց ինչ-որ չի կարողանում համարձակվել։
Երբ երեկոյան իշխան Անդրեյը գնաց, կոմսուհին մոտեցավ Նատաշային և շշնջաց.
— Հը՞, ի՞նչ եղավ։
— Մայրիկ, ի սեր աստծո. ինձ այժմ ոչինչ մի հարցնեք։ Այդ չի կարելի ասել,— ասավ Նատաշան։
Բայց չնայած դրան, Նատաշան այդ երեկո՝ մերթ հուզված, մերթ վախվորած, սառած աչքերով, երկար պառկած էր մնում մոր անկողնում։ Մերթ պատմում էր մորը, թե ինչպես նա գովեց իրեն, ինչպես ասավ՝ որ գնալու է արտասահման, ու թե ինչպե՛ս հարցրեց, թե որտե՞ղ պիտի ապրեն այս ամառ և թե ինչպե՛ս հարցրել էր իրեն Բորիսի մասին։
— Բայց այդ տեսակ, այդ տեսակ բան… ինձ երբեք չի պատահել,— ասում էր նա։— Ես նրա մոտ վախ եմ զգում, միշտ վախ եմ զգում, դա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ դա իսկական է, հը՞։ Մայրիկ, դուք քնած եք։
— Չէ, հոգիս, ես էլ եմ վախենում,— պատասխանեց մայրը։— Գնա՛։
— Միևնույն է, ես չեմ քնելու։ Ի՛նչ հիմարություն է — քնել։ Մայրիկ, մայրիկ, այդ տեսակ բան ինձ երբեք չի պատահել,— ասում էր նա զարմանքով ու վախով հանդեպ այն զգացմունքի, որ ապրում էր ինքը։— Եվ մենք կարո՞ղ էինք վայրկյան անգամ մտածե՛լ…
Նատաշային թվում էր, թե դեռ առաջին հանդիպումին, երբ ինքը տեսավ իշխան Անդրեյին Օտրադնոյում, սիրահարվեց նրա վրա։ Նրան կարծես վախեցնում էր այն տարօրինակ, անսպասելի երջանկությունը, որ Անդրեյը, որին ինքն ընտրեց դեռ այն ժամանակ (նա դրանում հաստատ հավատացած էր), այժմ նորից հանդիպում էր իրեն և ինչպես երևում է անտարբեր չէր դեպի ինքը։
«Եվ կարծես դիտմամբ այժմ, երբ մենք այստեղ ենք, պետք է գար Պետերբուրգ, և կարծես մենք էլ պետք է հանդիպեինք այդ պարահանդեսում։ Այս բոլորը բախտի բան է։ Պարզ է, որ սա իմ ճակատագիրն է, և ամեն բան տանում էր դեպի այդ։ Դեռ այն ժամանակ, նրան տեսնելուն պես, ես մի առանձին բան զգացի»։
— Հետո նա էլ ի՞նչ ասավ քեզ։ Դրանք ի՞նչ ոտանավորներ են։ Կարդա…— մտածկոտ ասավ մայրը, հարցնելով այն ոտանավորների մասին, որ իշխան Անդրեյը գրել էր Նատաշայի ալբոմում։
— Մայրիկ, դա հո ամոթ չի՞, որ նա այրի է։
— Հերիք է, Նատաշա։ Աղոթիր աստծուն։ Les mariages se font dans les cieux.[15]
— Մայրիկ, որքա՜ն եմ սիրո՛ւմ ձեզ, ի՞նչ լավ եմ զգում ինձ,— բացականչեց Նատաշան, լաց լինելով երջանկության ու հուզմունքի արցունքներով և մորը գրկելով։
Այդ իսկ միջոցին իշխան Անդրեյը Պիեռի մոտ նստած պատմում էր նրան դեպի Նատաշան ունեցած իր սիրո և այն մասին, թե հաստատ որոշել է նրա հետ ամուսնանալ։
Այդ օրը Էլենա Վասիլևնայի մոտ ռաուտ կար, եկել էին ֆրսնսական դեսպանը, պրինցը, որ վերջերս կոմսուհուն հաճախ այցելողներից մեկն էր դարձել, և ուրիշ շատ փայլուն կանայք ու տղամարդիկ։ Պիեռը ներքևումն էր, նա անցավ դահլիճներով և բոլոր հյուրերին զարմացրեց իր կենտրոնացած-ցրված ու մռայլ տեսքով։
Պիեռը պարահանդեսի օրից սկսած զգում էր, որ իր հիպոխոնդրիան կրկնվում է և հուսահատ ջանքեր էր անում նրա դեմ կռվելու։ Այն օրից, երբ պրինցր մտերմացավ կնոջ հետ, Պիեռն անսպասելի կերպով կամերհերություն ստացավ և այդ օրվանից սկսեց անհարմարություն ու ամոթ զգալ մեծ հասարակության մեջ, և նրան հաճախակի այցելել սկսեցին նախկին մռայլ մտքերը՝ մարդկային կյանքի ունայնության մասին։ Միևնույն ժամանակ նկատելով իր հովանավորյալ Նատաշայի ու իշխան Անդրեյի միջև առաջացած զգացմունքը, նա իր դրությունը հակադրում էր բարեկամի դրության, և դրանով նրա մռայլ տրամադրությունն ավելի էր վատանում։ Նա հավասարապես աշխատում էր խուսափել միաժամանակ և՛ կնոջ, և՛ Նատաշայի, և՛ իշխան Անդրեյի մասին մտածելուց։ Նորից ամեն բան նրան չնչին էր թվում հավերժության համեմատությամբ, նորից առաջ էր գալիս հին, ծանոթ հարցը, թե «ինչո՞ւ համար»։ Եվ նա իրեն հարկադրում էր որ ու գիշեր զբաղվել մասոնական գործերով, հույս ունենալով այդպիսով վանել մոտեցող չար ոգուն։ Ժամը մոտ 12֊ին Պիեռը կոմսուհու սենյակներից դուրս գալով, նստել էր վերին հարկում, ծխախոտի ծխով հագեցած ցածրիկ սենյակում, հնացած խալաթը հագին, սեղանի առջև և արտագրում էր շոտլանդական ակտերի բնագիրը, երբ մեկը մտավ նրա սենյակը։ Դա իշխան Անդրեյն էր։
— Ա՜, այդ դուք եք,— ասավ Պիեռը ցրված ու դժգոհ տեսքով։— Իսկ ես ահավասիկ աշխատում եմ,— ասավ նա տետրերը ցույց տալով՝ կյանքի ձախողանքներից փրկվողի այնպիսի տեսքով, որով դժբախտ մարդիկ նայում են իրենց աշխատանքին։
Իշխան Անդրեյը նորոգ կյանքի փայլուն, խնդուն դեմքով կանգնեց Պիեռի առջև և, նրա վշտահար դեմքը չնկատելով, իր երջանկությամբ տարված, ժպտաց նրան։
— Գիտես, սիրելիս,— ասավ նա,— երեկ քեզ մի բան էի ուզում ասել և այժմ դրա համար եմ եկել։ Ես երբեք այդ տեսակ բան չեմ զզացել։ Ես սիրահարված եմ, բարեկամ։
Պիեռը հանկարծ ծանր հառաչեց ու իր ծանր մարմնով ընկավ բազմոցին՝ իշխան Անդրեյի կողքին։
— Նատաշա Ռոստովայի վրա, հա՞,— ասավ նա։
— Այո, այո, ուրիշ էլ ո՞ւմ։ Երբեք չէի հավատա, բայց այս զգացումը ինձնից ուժեղ է։ Երեկ ես տանջվում էի, տառապում, բայց այդ տանջանքն էլ ես ոչ մի բանի հետ չեմ փոխի աշխարհում։ Առաջ ես չեմ ապրել։ Ես միայն այժմ եմ ապրում, բայց առանց նրան էլ չեմ կարող ապրել։ Իսկ նա ինձ կսիրի՞ արդյոք… ես նրա համար ծեր եմ… Ինչո՞ւ չես խոսում։
— Ես, ես։ Ես ի՞նչ էի ասում ձեզ,— հանկարծ ասավ Պիեռը, տեղից ելնելով ու սենյակում քայլելով։— Ես միշտ էլ այդ ուղղությամբ մտածել եմ… Այդ աղջիկը մի այնպիսի գանձ է, այնպիսի… Դա հազվագյուտ աղջիկ է… Սիրելիս, ես ձեզ խնդրում եմ, դուք ձեր խելքին զոռ չտաք, չկասկածեք, ամուսնացեք, ամուսնացեք և ամուսնացեք… Եվ ես հավատացած եմ, որ ձեզնից երջանիկ մարդ չի լինի։
— Բայց նա։
— Նա ձեզ սիրում է։
— Դատարկ մի խոսի…— ասավ իշխան Անդրեյը ժպտալով ու Պիեռի աչքերին նայելով։
— Սիրում է, ես գիտեմ,— բարկացած գոչեց Պիեռը։
— Չէ, մի լսի՛ր,— ասավ Անդրեյը նրա ձեռը բռնելով։— Գիտե՞ս, թե ի՛նչ դրության մեջ եմ։ Ես ուզում եմ այդ ամենը մի որևէ մարդու պատմել։
— Դե, պատմեցեք, շատ ուրախ եմ,— ասավ Պիեռը, և նրա դեմքն իսկապես փոխվեց, կնճիռները հարթվեցին, և նա ուրախադեմ սկսեց լսել իշխան Անդրեյին։ Իշխան Անդրեյը բոլորովին այլ, նոր մարդ էր թվում։ Ո՞ւր էր նրա թախիծը, նրա ատելությունը դեպի կյանքը, նրա հիասթափվածությունը։ Պիեռը միակ մարդն էր, որի առաջ նա արտահայտվում էր ազատ, և նա արտահայտեց այն ամենը, ինչ կար իր սրտում։ Մերթ թեթև ու համարձակ ծրագիրներ էր կազմում նա երկարատև ապագայի համար, ասում էր, որ ինքը չի կարող իր երջանկությունը զոհ բերել հոր քմահաճույքին, թե նա կհարկադրի հորը՝ տալ իր համաձայնությունը այդ ամուսնության համար և սիրել նրան, կամ ամեն բան կանի առանց հոր համաձայնության. մերթ էլ զարմանում էր որպես մի տարօրինակ, օտարոտի ու իրենից կախում չունեցող զդացմունքի հանդեպ, որ տիրել էր իրեն։
— Ես չէի հավատա այն մարդուն, որն ինձ ասեր, թե ես կարող եմ այսպես սիրել,— ասում էր իշխան Անդրեյը։— Սա բոլորովին այն զգացմունքը չէ, որ առաջ կար մեջս։ Այժմ ամբողջ աշխարհն ինձ համար բաժանված է երկու մասի. մեկը՝ նա և նրա հետ երջանկություն, հույսեր ու լույս, մյուս մեկը՝ ամենը, ուր նա չկա, այնտեղ ամեն ինչ տխուր է ու մութ։
— Մութ և խավար,— կրկնեց Պիեռը,— այո՛, այո՛, ես այդ հասկանում եմ։
— Եվ ես չեմ կարող լույսը չսիրել, ես դրանում մեղավոր չեմ։ Ու ես շատ երջանիկ եմ։ Դու հասկանո՞ւմ ես ինձ։ Գիտեմ, որ դու ուրախ ես ինձ համար։
— Այո, այո,— հաստատեց Պիեռը խանդաղատագին ու թախծալի աչքերով իր բարեկամին նայելով։ Որքան նա պայծառ էր պատկերացնում իշխան Անդրեյի բախտը, այնքան մռայլ էր ներկայանում իր սեփականը։
XXIII
Ամուսնանալու համար հարկավոր էր հոր համաձայնությունը, և հենց դրա համար իշխան Անդրեյը մյուս օրը մեկնեց հոր մոտ։
Հայրն արտաքին հանգստությամբ, բայց ներքին զայրույթով ընդունեց որդու հաղորդածը։ Նա չէր կարողանում հասկանալ, որ մեկը կամենար իր կյանքը փոխել ու նրա մեջ նոր բան մտցնել, երբ կյանքը նրա համար վերջացել էր արդեն։ «Թողնեին գոնե ապրեի այնպես, ինչպես ինքս եմ ուզում, իսկ նրանից հետո անեին, ինչ ուզում են», ասում էր ծերունին ինքն իրեն։ Որդու մոտ սակայն նա բանեցրեց այն դիվանագիտությունը, որ գործադրում էր կարևոր դեպքերում։
Հանգիստ տոն ընդունելով, նա կշռադատեց ամբողջ գործը։ Նախ, այդ ամուսնությունը՝ տոհմի, հարստության ու դիրքի կողմից շատ էլ փայլուն չէր։ Երկրորդ՝ իշխան Անդրեյը առաջին երիտասարդության մեջ չէր և առողջությամբ թույլ էր (ծերունին առանձնապես հենվում էր այս բանի վրա), աղջիկը շատ էր ջահել։ Երրորդ՝ մեջտեղը կար Անդրեյի որդին, որին մեղք էր հանձնել մի փոքրիկ աղջկա։ Վերջապես, չորրորդ, ասավ հայրը, հեգնանքով որդուն նայելով. «Ես քեզ խնդրում եմ, այդ բանը մի տարով հետաձգիր, գնա արտասահման, բուժվիր, գտիր, ինչպես և դու ցանկանում ես, մի գերմանացի դաստիարակ՝ իշխան Նիկոլայի համար և հետո, եթե սերը, կիրքն ու համառությունը, ինչպես կուզես անվանիր, այնքան մեծ է մեջդ, այն ժամանակ ամուսնացիր։ Եվ սա իմ վերջին խոսքն է, իմացի՛ր, վերջի՛ն…», վերջացրեց իշխանն այնպիսի տոնով, որով ուզում էր ցույց տալ, թե ոչ մի բան չի կարող ստիպել իրեն իր որոշումը փոխելու։
Իշխան Անդրեյը պարզ տեսնում էր, որ ծերունին հույս ունի, թե իր ու իր ապագա հարսնացուի զգացմունքր չի կարող մի տարի տևել կամ թե չէ ինքը՝ ծեր իշխանը կմեռնի մինչ այդ, ուստի և նա վճռեց հոր կամքը կատարել, առաջարկություն անել և հարսանիքը մի տարով հետաձգել։
Ռոստովների մոտ անցրած վերջին երեկոյից երեք շաբաք անց՝ իշխան Անդրեյը վերադարձավ Պետերբուրգ։
Մոր հետ բացատրվելու հետևյալ ամբողջ օրը Նատաշան սպասեց Բալկոնսկուն, բայց նա չեկավ։ Երկրորդ, երրորդ օրը նույնը։ Պիեռը նույնպես չեկավ, և Նատաշան չիմանալով, որ իշխան Անդրեյը գնացել է հոր մոտ, չէր կարողանում նրա բացակայությունն իրեն բացատրել։
Այսպես անցավ երեք շաբաթ։ Նատաշան ոչ մի տեղ չէր ուզում գնալ և ստվերի պես, պարապ ու տխուր շրջում էր սենյակներում, երեկոյան լալիս էր բոլորից ծածուկ ու երեկոներն այլևս չէր գալիս մոր մոտ։ Նա շարունակ բռնկվում էր ու ջղայնանում։ Նրան թվում էր, թե բոլորը գիտեն իր հիասթափության մասին և ծիծաղում են իր վրա ու խղճում իրեն։ Այս սնափառ վիշտը՝ ներքին վշտի հետ միասին՝ սաստկացնում էր նրա դժբախտությունը։
Մի անգամ նա եկավ կոմսուհու մոտ, ուզում էր ինչ-որ բան ասել, բայց հանկարծ լաց եղավ։ Նրա արցունքները նման էին վիրավորված երեխայի արցունքների, որն ինքն էլ չգիտի, թե ինչու համար է պատժված։
Կոմսուհին սկսեց նրան հանգստացնել։ Նատաշան, որ սկզբում ուշադրությամբ լսում էր մորը, հանկարծ ընդհատեց նրան.
— Թողեք, մայրիկ, ես այդ մասին չեմ էլ մտածում, և չեմ էլ ուզում մտածել։ Մարդ էր, ուրեմն, եկավ մի քանի անգամ և այնուհետև դադարեց ու դադարեց…
Նրա ձայնը դողաց. քիչ էր մնում լաց լինի. բայց իսկույն շտկվեց ու հանգիստ շարունակեց.
— Եվ բոլորովին էլ չեմ ուզում մարդու գնալ։ Ես վախենում եմ նրանից, ես հիմա բոլորովին, բոլորովին հանգստացել եմ…
Այս խոսակցության հաջորդ օրը Նատաշան հագավ այն հին զգեստը, որը նրան հատկապես հիշելի էր առավոտներն այնքան ուրախություն պատճառելու համար, և հենց առավոտից սկսեց իր նախկին ապրելակերպը, որ պարահանդեսից հետո թողել էր։ Թեյ խմելուց հետո նա գնաց դահլիճ, որն առանձնապես սիրում էր նրա համար, որովհետև երգելու ժամանակ ձայնի ելևէջներն այնտեղ ավելի լավ էին հնչում, ու սկսեց երգել իր սոլֆեջիոները (երգեցողության վարժություն)։ Առաջին դասը վերջացնելուց հետո, նա կանգ առավ դահլիճի մեջտեղը և կրկնեց հատկապես իրեն դուր եկած երաժշտական մի կտոր։ Նա ուրախությամբ լսում էր այն (կարծես իր համար անսպասելի) զեղումը, որով այդ հնչյունները՝ հոսելով, լցնում էին դահլիճի դատարկությունն ու դանդաղորեն մարում, և այդ միջոցին հանկարծ մի ուրախություն եկավ նրա վրա։ «Էլ ինչո՞ւ համար այդ մասին շատ մտածել, այսպես էլ լավ է»,— ասավ նա ինքն իրեն և սկսեց դահլիճում ետ ու առաջ քայլել՝ հնչուն պարկետի վրա ոտները փոխելով ո՛չ թե հասարակ քայլերով, այլ ամեն մի քայլին կոշիկների կրունկից (նա հագել էր նոր, սիրած կոշիկները) կոշիկի քթերի վրա բարձրանալով, և նույնպես ուրախ, ինչպես ձայնի հնչյունները, լսում էր կրունկի համաչափ դոփյունը և կոշիկների քթի ճռռոցը։ Հայելու մոտով անցնելիս, նա նայեց հայելուն. «Ահա և ես», կարծես ասում էր նրա դեմքի արտահատությունը, իր կերպարանքը տեսնելով. «Է՜հ, շատ լավ։ Ոչ ոք ինձ հարկավոր չի»։
Լաքեյն ուզում էր ներս մտնել, որ ինչ-որ բան կարգի բերի դահլիճում, բայց Նատաշան նրան չթողեց և դուռը նրա ետևից կրկին ծածկելով, շարունակեց ճեմել։ Այդ առավոտ նա նորից վերադարձավ ինքն իրեն սիրելու և իրենով հիանալու իր սիրած վիճակին։ «Ի՜նչ հիանալի է այդ Նատաշան», ասում էր նա ինքն իրեն մի երրորդ մարդու՝ հավաքական տղամարդ անձնավորության խոսքերով, «Լա՜վն է, գեղեցիկ ձայն ունի, ջահել է, ոչ ոքին էլ չի խանգարում, թողեք միայն նրան հանգիստ»։ Բայց որքան էլ նրան հանգիստ էին թողնում, նա չէր կարողանում հանգիստ մնալ, և իսկույն զգաց այդ։
Շքամուտքի դուռը բացվեց, մեկը հարցրեց. «տ՞անն են արդյոք», ու լսվեց մեկի քայլերի ձայնը։ Նատաշան հայելուն նայեց, բայց իրեն չտեսավ։ Նախասենյակից ձայներ էին լսվում։ Երբ նա իրեն տեսավ, նկատեց, որ դեմքը գունատ էր։ Եկողը նա էր։ Նատաշան այդ հաստատ գիտեր. թեև նրա ձայնը հազիվ լսեց փակ դռների ետևից։
Նատաշան՝ գունատ ու վախվորած, վազեց հյուրասրահ։
— Մայրիկ, Բալկոնսկին եկավ,— ասավ նա։— Մայրիկ, դա սարսափելի է, անտանելի է։ Ես չեմ ուզում… տանջվել։ Ես ի՞նչ անեմ…
Կոմսուհին դեռ չէր պատասխանել նրան, երբ իշխան Անդրեյը՝ հուզված ու լուրջ դեմքով, ներս մտավ։ Նատաշային տեսնելուն պես, նրա դեմքը փայլեց։ Նա համբուրեց կոմսուհու և Նատաշայի ձեռը և նստեց բազմոցի մոտ։
— Վաղուց է արդեն մենք բախտ չենք ունեցել…— ուզում էր սկսել կոմսուհին, բայց իշխան Անդրեյը նրան ընդհատեց, պատասխանելով նրա հարցին և, ըստ երևույթին, շտապելով ասել այն, ինչ հարկավոր էր։
— Ես այսքան ժամանակ ձեզ մոտ չեկա, որովհետ և հորս մոտ էի. ես պետք է նրա հետ խոսեի մի շատ կարևոր գործի մասին։ Ես միայն երեկ գիշեր վերադարձա,— ասավ նա Նատաշային նայելով։— Ձեզ հետ խոսելիք ունեմ, կոմսուհի,— ավելացրեց նա վայրկենական լռությունից հետո։
Կոմսուհին, ծանր հառաչելով, աչքերը խոնարհեց։
— Ես պատրաստ եմ,— ասավ նա։
Նատաշան գիտեր, որ ինքը պետք է հեռանա, բայց չկարողացավ այդ անել. մի ինչ-որ բան պրկում էր նրա կոկորդը, և նա, առանց քաշվելու, ուղիղ, չռած աչքերով նայում էր իշխան Անդրեյին։
«Հիմա՞։ Այս րոպեի՞ն… ոչ, դա չի կարող լինել…», մտածում էր նա։
Իշխան Անդրեյը նորից նրան նայեց, և նրա այդ հայացքը Նատաշային համոզեց, որ ինքը չի սխալվում։ Այո, հիմա, այս րոպեին որոշվում էր իր բախտը։
— Գնա, Նատաշա, ես քեզ կկանչեմ,— ասավ կոմսուհին շշունջով։
Նատաշան երկյուղած, աղերսող աչքերով նայեց իշխան Անդրեյին, մորը ու դուրս եկավ։
— Ես, կոմսուհի, եկել եմ ձեր աղջկա ձեռը խնդրելու,— ասավ իշխան Անդրեյը։
Կոմսուհու դեմքը շաոագունեց, բայց նա ոչինչ չասավ։
— Ձեր առաջարկությունը…— հանդարտ սկսեց կոմսուհին։ Իշխան Անդրեյն անխոս նրա աչքերին էր նայում։— Ձեր առաջարկությունը… (կոմսուհին շփոթվեց) մեզ հաճելի է, և… ես ընդունում եմ ձեր առաջարկությունը, ես ուրախ եմ։ Ամուսինս էլ… հույս ունեմ, բայց դա միայն իրենից, Նատաշայից կախված կլինի։
— Ես նրան կասեմ այն ժամանակ, երբ ձեր համաձայնությունը կստանամ… դուք այդ տալչի՞ս եք,— ասավ իշխան Անդրեյը։
— Այո,— ասավ կոմսուհին և ձեռը նրան մեկնելով, խորթության ու քնքշանքի խառն մի զգացումով նա իր շուրթերը հպեց իշխան Անդրեյի ճակատին, երբ իշխան Անդրեյը կռացավ նրա ձեռի վրա։ Նա ուզում էր որդու պես սիրել նրան, բայց զգաց, որ նա իր համար օտար և սարսափելի մարդ է։— Ես վստահ եմ, որ ամուսինս համաձայն կլինի,— ասավ կոմսուհին,— բայց ձեր հայրը…
— Հայրս, որին հայտնեցի իմ մտադրությունը, համաձայնության անխախտ պայման է դրել, որ հարսանիքը մի տարուց շուտ չլինի։ Եվ ես ուզում էի այդ բանը ձեզ հայտնել,— ասավ իշխան Անդրեյը։
— Ճիշտ է, Նատաշան դեռ ջահել է, բայց այդքան ո՜ւշ։
— Ուրիշ կերպ չէր կարող լինել,— հառաչելով ասավ իշխան Անդրեյը։
— Ես հիմա Նատաշային կուղարկեմ ձեզ մոտ,— ասավ կոմսուհին ու դուրս եկավ սենյակից։
— Տե՛ր, դո՛ւ ողորմաս,— կրկնում էր նա աղջկան որոնելով։
Սոնյան ասավ, որ Նատաշան ննջարանումն է։ Նատաշան նստել էր իր մահճակալին և գունատ դեմքով, ցամաք աչքերով նայում էր սրբապատկերին ու արագորեն խաչակնքում երեսը ինչ-որ շշնջալով։ Մորը տեսնելով, նա ցատկեց տեղից և նետվեց դեպի մայրը։
— Ի՞նչ է, մայրիկ, ի՞նչ։
— Գնա՛, գնա նրա մոտ։ Նա քո ձեռքն է խնդրում,— ասավ կոմսուհին սառը, ինչպես թվաց Նատաշային։— Գնա՛, գնա կրկնեց մայրը՝ տխրության ու հանդիմանանքի շեշտով վազող աղջկա ետևից, և ծանր հառաչեց։
Նատաշան չիմացավ, թե ինքը ինչպես հյուրասրահ մտավ։ Դուռը բանալով և իշխան Անդրեյին տեսնելով՝ նա կանգ առավ։ «Մի՞թե այս օտար մարդն այժմ ինձ համար դարձավ ամեն ինչ», հարցրեց նա ինքն իրեն և իսկույն պատասխանեց. «Այո, ամեն ինչ. հիմա նա մեն-մենակ ինձ համար ամեն բանից թանկ է աշխարհում։ Իշխան Անդրեյն աչքերը խոնարհած մոտեցավ նրան։
— Ես ձեզ սիրեցի այն օրից, երբ ձեզ տեսա։ Կարո՞ղ եմ արդյոք հուսալ…
Իշխան Անդրեյը նայեց Նատաշային և նրա դեմքին արտահայտվող բուն հուզմունքը զարմացրեց նրան։ Նատաշայի դեմքն ասում էր. «Էլ ինչո՞ւ հարցնել։ Ինչո՞ւ կասկածել մի բան, որ չի կարելի չիմանալ։ Էլ ի՞նչ խոսել, երբ խոսքերով չի կարելի արտահայտել այն, ի՛նչ զգում ես»։
Նատաշան մոտեցավ նրան ու կանգ առավ։ Իշխան Անդրեյը նրա ձեռը բռնեց ու համբուրեց։
— Սիրո՞ւմ եք արդյոք ինձ։
—Այո, այո,— կարծես դժգոհությամբ ասավ Նատաշան, մի քանի անգամ խորը հառաչեց ու հեկեկաց։
— Դա ինչի՞ համար է։ Ձեզ ի՞նչ պատահեց։
— Ա՜խ, ես այնպես երջանիկ եմ,— պատասխանեց նա արցունքների միջից ժպտալով, թեքվեց դեպի Անդրեյը, մտածեց մի վայրկյան, կարծես ինքն իրեն հարց տալով, այդ կարելի է արդյոք, ու համբուրեց նրան։
Իշխան Անդրեյը նրա ձեռները բռնած նայում էր նրա աչքերին ու իր սրտում չէր զգում նախկին սերը դեպի նա։ Նրա հոգում հանկարծ շրջվեց ինչ-որ բան. չկար նախկին ցանկության բանաստեղծական ու խորհրդավոր զմայլանքը, այլ կար խղճահարություն դեպի նրա կանացի ու մանկական թուլությունը, կար երկյուղ նրա հավատարմության ու անձնվիրության հանդեպ, կար ծանր և միաժամանակ ուրախ գիտակցությունն այն պարտքի, որն իրեն ընդմիշտ կապել էր նրա հետ։ Ներկա զգացմունքը, թեև այնպես պայծառ ու բանաստեղծական չէր, ինչպես նախկինը, բայց ավելի լուրջ էր և ավելի ուժեղ։
— Արդյոք maman ձեզ ասավ, որ այդ չի կարող մի տարուց շուտ լինել,— ասավ իշխան Անդրեյը, շարունակելով նայել նրա աչքերին։
«Մի՞թե այս ես եմ, այն երեխա-աղջիկը, (ամենքն այսպես էին ասում ինձ),— մտածեց Նատաշան,— և մի՞թե ես հիմա, այս րոպեից, ամուսին եմ, այս օտար, լավ, խելոք մարդուն հավասար, մի մարդ, որին հարգում է նույնիսկ հայրս։ Մի՞թե սա ճշմարիտ է, որ կյանքի հետ այսուհետև կատակ անել չի կարելի. ես հիմա արդեն մե՞ծ եմ, հիմա իմ ամեն մի գործի ու խոսքի համար պատասխանատվություն է ընկնելու վրաս։ Բայց նա ինչ հարցրեց ինձնից»։
— Ոչ,— պատասխանեց նա, բայց նա ինքն էլ չէր հասկանում, թե նա ինչ էր հարցրել։
— Ներեցեք ինձ,— ասավ իշխան Անդրեյը,— դուք դեռ շատ ջահել եք, իսկ ես արդեն շատ բան եմ տեսել կյանքում։ Ես անհանգիստ եմ ձեզ համար։ Դուք ձեզ չեք ճանաչում։
Նատաշան լսում էր կենտրոնացած ուշադրությամբ, աշխատելով հասկանալ նրա խոսքերի իմաստը, բայց չէր հասկանում։
— Որքան էլ ծանր լինի այդ տարին, որ հետաձգում է իմ երջանկությունը,— շարանակեց իշխան Անդրեյը,— բայց դուք այդ ժամանակամիջոցում ձեզ կփորձեք։ Ես ձեզ խնդրում եմ ինձ երջանկացնել մի տարուց հետո, իսկ մինչ այդ դուք ազատ եք. մեր նշանադրությունը կմնա գաղտնի, և եթե դուք համոզվեք, որ ինձ չեք սիրում կամ կսիրեք…— ասավ իշխան Անդրեյն անբնական ժպիտով։
— Այդ ինչո՞ւ համար եք ասում,— ընդհատեք նրան Նատաշան։— Դուք գիտեք, որ հենց այն օրից, երբ առաջին անգամ Օտրադնոե եկաք, ես ձեզ սիրեցի,— ասավ նա, հաստատ հավատացած լինելով, որ ինքը ճշմարտություն ասավ։
— Մի տարվա մեջ դուք ձեզ կճանաչեք։
— Մի ամբողջ տարի,— հանկարծ ասավ Նատաշան, միայն այժմ հասկանալով, որ հարսանիքը հետաձգվում է մի տարով։— Բայց ինչո՞ւ մի տարով, ինչո՞ւ այդպես…— իշխան Անդրեյն սկսեց բացատրել հետաձգելու պատճառները։ Նատաշան նրան չէր լսում։
— Եվ ուրիշ կերպ չի կարելի՞,— հարցրեց Նատաշան։ Իշխան Անդրեյը ոչինչ չպատասխանեց, սակայն նրա դեմքին արտահայտվեց այդ վճիռը փոխելու անհնարինությունը։
— Դա սարսափելի է։ Չէ, դա սարսափելի է, սարսափելի,— ասավ հանկարծ Նատաշան ու նորից հեկեկաց։— Ես կմեռնեմ մի տարի սպասելով. դա անկարելի է. դա սարսափելի է։— Նա նայեց փեսացուի դեմքին ու այնտեղ նկատեց կարեկցության ու տարակուսանքի արտահայտություն։
— Ոչ, ոչ, ես ամեն ինչ կանեմ,— ասավ նա, լացը դադարեցնելով։— Ես այնպե՛ս երջանիկ եմ։
Հայրն ու մայրը մտան սենյակ և օրհնեցին փեսացուին ու հարսնացուին։
Ալդ օրվանից իշխան Անդրեյն սկսեց այցելել Ռոստովներին իբրև փեսացու։
XXIV
Նշանադրություն չեղավ և ոչ ոքի էլ չհայտնվեց Բալկոնսկու և Նատաշայի նշանախոսության մասին. այդ բանը պահանջեց իշխան Անդրեյը։ Նա ասավ՝ քանի որ հետաձգելու պատճառն ինքն է, ուստի ինքն էլ պետք է կրի նրա ամբողջ ծանրությունը։ Նա ասում էր, որ ինքն իր խոսքով ընդմիշտ կապել է իրեն, բայց չէր ցանկանա Նատաշային էլ կապել, ուստի և նրան տալիս է լիակատար ազատություն։ Եթե Նատաշան մի կես տարի հետո զգա, որ իշխան Անդրեյին չի սիրում, նա իրավունք կունենա մերժելու։ Ինքնին պարզ է, որ ո՛չ ծնողները, ո՛չ էլ Նատաշան այդ մասին լսել չէին ուզում, բայց իշխան Անդրեյը պնդում էր իրենը։ Ամեն օր նա լինում էր Ռոստովների տանը, բայց Նատաշայի հետ վարվում էր ոչ իբրև փեսացու. Նատաշային ասում էր դուք և համբուրում էր միայն նրա ձեռը։ Իշխան Անդրեյի ու Նատաշայի միջև, առաջարկության օրից, հաստատվել էին, առաջվանից բոլորովին տարբեր, մտերմական պարզ հարաբերություններ։ Մինչև այժմ նրանք կարծես իրար չէին ճանաչել։ Երկուսն էլ սիրում էին հիշել, թե ինչպես էին նայում իրար, երբ դեռ բան չկար. այժմ նրանք իրենց զգում էին բոլորովին ուրիշ արարածներ, առաջ՝ ձևանում էին, այժմ՝ պարզ և անկեղծ էին։ Ընտանիքում սկզբում իշխան Անդրեյի հետ վարվելու մեջ զգացվում էր ճնշվածություն, անհարմարություն. նա թվում էր օտար աշխարհից եկած մի մարդ, և Նատաշան երկար ժամանակ տնեցիներին ընտելացնում էր իշխան Անդրեյին և ամենքին հպարտությամբ հավատացնում, թե նա միայն թվում է այդպես յուրահատուկ և թե նա էլ այնպես մարդ է, ինչպես բոլոր մարդիկ, և թե ինքը Նատաշան նրանից չի վախենում ու թե ոչ ոք էլ չպետք է վախենա նրանից։ Մի քանի օրից հետո ընտանիքում ընտելացան նրան և, առանց քաշվելու սկսեցին նախկին կենցաղավարությունը, որին մասնակցում էր և իշխան Անդրեյը։ Նա կարողանում էր կոմսի հետ խոսել տնտեսության մասին, կոմսուհու և Նատաշայի հետ՝ զարդարանքի մասին, Սոնյայի հետ՝ ալբոմների ու ձեռագործ հինվածքների մասին։ Տնեցիք երբեմն իրար մեջ և իշխան Անդրեյի առաջ զարմանում էին, թե այդ ամենն ինչպես պատահեց և թե դրա նախանշաններն ակներև էին. թե՛ իշխան Անդրեյի Օտրադնոե գալը, թե՛ իրենց փոխադրվելը Պետերբուրգ, թե՛ Նատաշայի ու իշխան Անդրեյի միջև եղած նմանությունը, որ նկատել էր դայակն իշխան Անդրեյի առաջին այցելությանը. թե 1805 թվին Անդրեյի ու Նիկոլայի միջև եղած ընդհարումը, և շատ ուրիշ նախանշաններ, որ պատահել էին և տնեցիները նկատել էին։
Տանը թագավորում էր այն բանաստեղծական տաղտուկն ու լռակեցությունը, որ միշտ հատուկ է փեսացուի ու հարսնացուի ներկայությանը։ Հաճախ, միասին նստած, բոլորը լռում էին, երբեմն վեր էին կենում ու հեռանում, իսկ փեսացուն ու հարսնացուն մենակ մնալով՝ նույնպես լռում էին։ Իրենց ապագայի մասին շատ քիչ էին խոսում։ Իշխան Անդրեյն ամաչում և վախենում էր խոսել այդ մասին. Նատաշան էլ զգում էր այդ, ինչպես և նրա բոլոր զգացումները, որ միշտ գուշակում էր։ Մի անգամ Նատաշան սկսեց հարց ու փորձ անել նրա որդու մասին։ Իշխան Անդրեյը կարմրեց,— մի բան որ նրան հաճախ էր պատահում այժմ և որն առանձնապես սիրում էր Նատաշան,— և ասավ, թե որդին իրենց հետ չպետք է ապրի։
— Ինչո՞ւ,— երկյուղած հարցրեց Նատաշան։
— Ես նրան պապից խլել չեմ կարող և հետո…
— Ինչպե՞ս կսիրեի նրան,— ասավ Նատաշան իսկույն նրա միտքը գուշակելով.— ես գիտեմ, դուք ուզում եք, որ ձեզ ու ինձ մեղադրելու առիթներ չլինեն։
Ծեր կոմսը երբեմն մոտենում էր իշխան Անդրեյին, համբուրում նրան, խորհուրդներ էր հարցնում Պետյայի կրթության կամ Նիկոլայի ծառայության մասին։ Պառավ կոմսուհին, նրանց նայելով, հառաչում էր։ Սոնյան ամեն րոպե վախենում էր ավելորդ երևալուց ու միշտ աշխատում էր պատրվակներ գտնել նրանց մենակ թողնելու, երբ այդ նույնիսկ հարկավոր չէր լինում։ Երբ իշխան Անդրեյը խոսում էր (նա շատ լավ էր պատմում), Նատաշան նրան լսում էր հպարտությամբ, իսկ երբ ինքն էր խոսում՝ երկյուղով և ուրախությամբ նկատում էր, որ Անդրեյն ուշադիր ու քննական հայացքով իրեն է նայում։ Եվ Նատաշան տարակուսանքով հարցնում էր իրեն. «Սա իմ մեջ ի՞նչ է որոնոմ։ Իր հայացքով ինչ֊որ բան է փնտրում։ Ինչ կլինի հանկարծ, եթե նա իմ մեջ չգտնի այն, ինչ որոնում է իր հայացքով»։ Երբեմն Նատաշան մտնում էր իրեն հատուկ խնդմոլիկ տրամադրության մեջ, և այդ ժամանակ առանձնապես սիրում էր լսել ու դիտել, թե ինչպես էր ծիծաղում իշխան Անդրեյը։ Իշխան Անդրեյը սակավ էր ծիծաղում, բայց երբ ծիծաղում էր՝ ամբողջովին անձնատուր էր լինում իր ծիծաղին. և ամեն անգամ այդպիսի ծիծաղից հետո, Նատաշան իրեն ավելի մոտ էր զգում նրան։ Նատաշան միանգամայն երջանիկ կհամարեր իրեն, եթե չլիներ առաջիկա անջատման երկյուղը, որովհետ և այդ մտքից գունատվում ու դողում էր և՛ իշխան Անդրեյը։
Պետերբուրգից մեկնելու նախօրեին իշխան Անդրեյը Պիեռի հետ եկավ Ռոստովների մոտ։ Պարահանդեսի օրից սկսած Պիեռը ոչ մի անգամ Ռոստովների տանը չէր եղել։ Պիեռը գլուխը կորցրած ու շփոթված էր երևում։ Նա խոսակցություն սկսեց կոմսուհու հետ։ Նատաշան ու Սոնյան շախմատի նստեցին, հրավիրելով իրենց մոտ և իշխան Անդրեյին։ Նա մոտեցավ նրանց։
— Դուք կարծեմ վաղուց եք ճանաչում Բեզուխովին,— հարցրեց նա։ Սիրո՞ւմ եք նրան։
— Այո, նա լավ մարդ է, բայց ծիծաղելի է շատ։
Եվ Նատաշան, ինչպես միշտ Պիեռի մասին խոսելիս, սկսեց անեկդոտներ պատմել նրա ցրվածության մասին, անեկդոտներ, որոնք նույնիսկ հորինել էին նրա վրա։
— Գիտեք, ես մեր գաղտնիքը հայտնեցի նրան,— ասավ իշխան Անդրեյը։— Ես նրան մանկությունից եմ ճանաչում։ Ոսկի սիրտ ունի։ Ես խնդրում եմ ձեզ, Նատալի,— ասավ նա հանկարծ լուրջ,— ես գնալու եմ, աստված գիտի, ի՛նչ կարող է պատահել։ Դուք գուցե դադարեք սի… լավ, գիտեմ որ այդ մասին չպետք է խոսեմ։ Մի բան պատահելու դեպքում, երբ ես չլինեմ
— Ի՞նչ կարող է պատ ահել…
— Մի որևէ դժբախտություն,— շարունակեց իշխան Անդրեյը.— ես ձեզ կխնդրեի m-lle Sophie, որ ինչ էլ պատահելու լինի, դիմեցեք միայն նրա խորհրդին ու օգնության։ Ճիշտ է, դա ամենացրված ու ծիծաղելի մարդն է, բայց ոսկի սիրտ ունի։
Ո՛չ հայրը, ո՛չ մայրը, ո՛չ Սոնյան, ո՛չ էլ ինքը՝ իշխան Անդրեյը չէին կարող նախատեսել, թե փեսացուի անջատումը ինչպես կազդի Նատաշայի վրա։ Նա այդ օրը՝ կարմրած ու հուզված, ցամաք աչքերով պտտում էր տանը, զբաղվում էր ամենաչնչին գործերով, կարծես չհասկանալով, թե ի՛նչ է սպասում իրեն։ Նա լաց չեղավ նույնիսկ այն րոպեին, երբ իշխան Անդրեյը նրան հրաժեշտ տալով, վերջին անգամ համբուրեց նրա ձեռը։— Մի՛ գնաք,— միայն ասավ Նատաշան այնպիսի ձայնով, որն իշխան Անդրեյին ստիպեց մտածել, թե իսկապես չմնա՞ արդյոք, և այդ բանը նա երկար հիշում էր դրանից հետո։ Երբ նա մեկնեց, Նատաշան նույնպես լաց չեղավ. բայց մի քանի օր՝ առանց լաց լինելու, նստում էր իր սենյակում, չէր հետաքրքրվում ոչնչով և երբեմն ասում էր միայն.
— Ա՜խ, նա ինչու գնաց։
Բայց նրա գնալուց հետո՝ երկու շաբաթ անց՝ Նատաշան, իրեն շրջապատողների համար անսպասելի կերպով, սթափվեց իր բարոյական հիվանդությունից, դարձավ այնպես, ինչպես առաջ էր, սակայն փոխվել էր նրա բարոյական դեմքը այնպես, ինչպիսի փոխված դեմք ունենում են երեխաները, երբ երկարատև հիվանդությունից հետո վեր են կենում անկողնից։
XXV
Իշխան Նիկոլայ Անդրեյիչ Բալկոնսկու առողջությունն ու բնավորությունն այս վերջին տարում, որդու մեկնելուց հետո, շատ թուլացան։ Նա ավելի դյուրագրգիռ դարձավ, քան առաջ էր, և նրա անառիթ զայրույթի պոռթկումները մեծ մասամբ թափվում էին իշխանադուստր Մարիայի գլխին։ Նա կարծես հոգածությամբ փնտրում էր դստեր հիվանդ տեղերը, որպեսզի որքան կարելի է բարոյապես ավելի դաժանորեն տանջի նրան։ Իշխանադուստր Մարիան երկու կիրք ուներ, ուստի և երկու ուրախություն, եղբոր որդի Նիկոլուշկան ու կրոնը, և այդ երկուսն էլ իշխանի սիրած նյութերն էին՝ հարձակվելու և հեգնելու։ Ինչի մասին էլ խոսք բացվեր, ծեր իշխանը խոսքը փոխում էր պառավ աղջիկների սնահավատության կամ երեխաներին երես տալու և փչացնելու վրա։— Դու ուզում ես Նիկոլենկին էլ պառավ աղջիկ դարձնեի ինչպես դու ես. իզուր, իշխան Անդրեյին տղա է հարկավոր, ոչ թե աղջիկ,— ասում էր նա։ Կամ դիմելով mademoiselle Bourienne-ին, նա իշխանադուստր Մարիայի ներկայությամբ հարցնում էր, թե նրան արդյոք դո՞ւր են գալիս մեր տերտերներն ու սրբապատկերները, և սկսում էր կատակել։
Նա անվերջ-անդադար վիրավորում էր իշխանադուստր Մարիային, բայց աղջիկը մինչև իսկ ճիգ չէր գործադրում, որպեսզի ներեր նրան։ Մի՞թե հայրը կարող է մեղավոր լինել իր առաջ, և մի՞թե իր հայրը, որը, նա գիտեր որ, այնուամենայնիվ սիրում է իրեն, կարող է անարդար լինել իր վերաբերմամբ։ Եվ ի՞նչ է արդարությունը։ Իշխանադուստրը երբեք չէր մտածել այդ՝ «արդարություն» մեծագոռ բառի մասին։ Մարդկության բոլոր բարդ օրենքները նրա աչքում կենտրոնացած էին մի հասարակ ու պարզ օրենքի մեջ — սիրո և անձնազոհության օրենքի, որը մեզ ավանդել է նա, ով սիրով տառապեց մարդկության համար, երբ նա ինքն աստված էր։ Նրան ի՞նչ ուրիշ մարդկանց արդարություններն ու անարդարությունները։ Նա պետք է ինքը տանջվեր ու սիրեր, և նա այդ անում էր։
Ձմեռը Լիսիե Գորի եկավ իշխան Անդրեյը, նա ուրախ էր, հեզ ու սիրալիր, որպիսի վիճակում իշխանադուստր Մարիան նրան վաղուց չէր տեսել։ Իշխանադուստր Մարիան նախազգաց, որ նրան ինչ-որ բան է պատահել, բայց նա իշխանադուստր Մարիային ոչինչ չասավ իր սիրո մասին։ Մեկնելուց առաջ իշխան Անդրեյը ինչ-որ բանի համար երկար զրուցեց հոր հետ, և իշխանադուստր Մարիան նկատեց, որ մեկնելուց առաջ նրանք դժգոհ էին իրարից։
Շուտով՝ իշխան Անդրեյի մեկնելուց հետո, իշխանադուստր Մարիան Լիսիե Գորիից նամակ գրեց Պետերբուրգ իր բարեկամուհի Ժյուլի Կարագինային, որին իշխանադուստր Մարիան փափագում էր, ինչպես միշտ փափագում են աղջիկները, ամուսնացնել իր եղբոր հետ և որն այդ ժամանա սգի մեք էր՝ եղբոր մահվան պատճառով, որ սպանվել էր Թուրքիայում։
«Ինչպես երևում է, վիշտն ու դառնությունը մեր ընդհանուրիս բաժինն է, սիրելի ու նազելի բարեկամ Julie։
Ձեր կորուստն այնքան սոսկալի է, որ ես ինձ դա այլ կերպ չեմ կարող բացատրել, քան իբրև աստծո մի առանձին ողորմածություն, որ ձեզ և ձեր սքանչելի մորը ուզում է փորձել, իհարկե ձեզ սիրելով։ Ախ, բարեկամս, կրոնը, և միմիայն կրոնը, կարող է մեզ, էլ չեմ ասում մխիթարել, այլ փրկել հուսահատությունից. միայն կրոնը կարող է մեզ բացատրել այն, ինչ որ առանց նրա օգնության մարդը չի կարող հասկանալ։ Ինչո՛ւ համար հենց բարի ու բարձր էակները, որ կարող են կյանքում երջանկություն գտնել, որ ոչ ոքի չեն վնասում, այլ անհրաժեշտ են ուրիշների երջանկության համար,— կանչվում են աստծու մոտ, բայց ապրելու մնում են կա՛մ չար, անօգուտ ու վնասակար մարդիկ, կա՛մ այնպիսիք, որոնք բեռ են լինում թե՛ իրենց և թե՛ ուրիշների համար։ Առաջին մահը, որ ես տեսել եմ և որը երբեք չեմ կարող մոռանալ — իմ սիրեցյալ հարսի մահը — ինձ վրա այդ տեսակ տպավորություն թողեց։ Ճիշտ այնպես, ինչպես դուք եք հարցնում ճակատագրին, թե՝ ինչո՞ւ համար պիտի մեռներ ձեր սքանչելի եղբայրը, ճիշտ այդպես էլ ես էի հարցնում, թե ինչո՞ւ պիտի մեռներ այդ հրեշտակ Լիզան, որ ոչ միայն որևէ չարիք չէր արել մարդու, այլ երբեք բարի խոհերից բացի ոչինչ չուներ իր հոգում։ Եվ ինչ, սիրելիս, այդ օրից անցել է ահա հինգ տարի և ես, իմ կարճ խելքով, արդեն սկսում եմ պարզ հասկանալ, թե նա ինչո՛ւ պիտի մեռներ և թե ինչպե՛ս այդ մահը ստեղծողի անսահման բարության արտահայտությունն էր միայն, ստեղծողի, որի գործերից շատերը թեև մեծ մասամբ մենք չենք հասկանում, միայն նրա անսահման սիրո արտահայտությունն են դեպի իր ստեղծածները։ Գուցե, մտածում եմ ես հաճախ, նա հրեշտակի պես անչափ անմեղ էր, որպեսզի կարողանար կրել մայրության բոլոր պարտականությունները։ Իբրև ջահել կին նա անբասիր էր. գուցե և նա չկարողանար այդպիսի մայր լինել։ Բացի այն, որ նա մեր սրտում, մանավանդ իշխան Անդրեյի սրտում, թողեց ամենաանխառն կարեկցությունն ու հիշողությունը, այնտեղ նա, հավանորեն, կստանա այն տեղը, որին ես արժանի չեմ համարում ինձ։ Բայց, չխոսելով արդեն նրա մասին, պիտի ասեմ, որ այդ վաղաժամ ու սոսկալի մահը, չնայած մեր ամբողջ վշտին, ամենաբարերար ազդեցությունն ունեցավ ինձ ու եղբորս վրա։ Այն ժամանակ, կորստի վայրկյանին, այդպիսի մտքեր չէին ծագում իմ գլխում, այն ժամանակ ես նրանց սոսկումով կվանեի, բայց այժմ այնքան պարզ ու անտարակուսելի է։ Այս ամենը, բարեկամս, ձեզ գրում եմ միայն նրա համար, որ ձեզ համոզեմ այն ավետարանական ճշմարտության մեջ, որն ինձ համար կյանքի կանոն է դարձել։ Ոչ մի մազ մարդու գլխից չի ընկնի առանց նրա կամքի։ Իսկ նրա կամքր ղեկավարվում է միմիայն անսահման սիրով դեպի ձեզ, ուստի և այն բոլորը, ինչ պատահում է մեզ, մեր բարվո համար է։ Դուք հարցնում եք, թե եկող ձմեռ կապրե՞նք մենք արդյոք Մոսկվայում։ Չնայած ձեզ տեսնելու բուռն փափագիս, չեմ կարծում և չեմ ցանկանում այդ։ Կզարմանաք, որ դրա պատճառը Բոնապարտն է։ Եվ ահա թե ինչու. հորս առողջությունը նկատելի կերպով թուլանում է, նա ոչ մի հակաճառություն չի կարողանում տանել և դառնում է դյուրագրգիռ։ Այդ դյուրագրգռությունը, ինչպես դուք գիտեք, դառնում է առավելապես քաղաքական գործերի շուրջը։ Նա չի կարողանում տանել, որ Բոնապարտեն իր գործը վարում է Եվրոպայի բոլոր թագավորների հետ, իբրև իրեն հավասարների, և մանավա՛նդ մեր Եկատերինա Մեծի թոռան հետ։ Ինչպես գիտեք, ես բոլորովին անտարբեր եմ դեպի քաղաքական գործերը, բայց հորս խոսքերից և նրա՝ Միխայիլ Իվանովիչի հետ ունեցած խոսակցություններից գիտեմ այն ամենը, ինչ կատարվում է աշխարհում, և առանձնապես այն բոլոր պատիվները, որ արվում են Բոնապարտեին, որին, ինչպես ինձ թվում է, ամբողջ երկրագնդի վրա միմիայն Լիսիե Գորիում չեն ընդունում ո՛չ իբրև մեծ մարդ, ո՛չ էլ, առավել ևս, ֆրանսական կայսր։ Եվ հայրս այդ տանել չի կարող։ Ինձ թվում է, որ հայրս, առավելապես քաղաքական գործերի նկատմամբ ունեցած իր հայացքների պատճառով և նախատեսելով, որ ընդհարումներ կարող են լինել իր վարվեցողության շնորհիվ, որ առանց որևէ մեկից քաշվելու արտահայտում է իր կարծիքները, դժկամությամբ է խոսում Մոսկվա մեկնելու մասին։ Այն բոլորը, ինչ կարող է շահել նա բժշկությունից, կկորցնի Բոնապարտեի մասին վիճելով, որ անխուսափելի է։ Համենայն դեպս այդ կորոշվի շատ շուտով։ Մեր ընտանեկան կյանքն ընթանում է նախկին հունով, բացառությամբ այն բանի, որ եղբայրս՝ Անդրեյը բացակա է։ Նա, ինչպես ձեզ գրել եմ, վերջերս շատ է փոխվել։ Իր դժբախտությունից հետո նա այժմ միայն, այս տարի բարոյապես միանգամայն վերակենդանացել է։ Այժմ այնպես է, ինչպես երեխա ժամանակն եմ տեսել. բարի, մեղմ ու այնպիսի ոսկի սիրտ ունի, որի նմանը ես չեմ տեսել։ Ինչպես ինձ թվում է, նա հասկացել է, որ կյանքն իր համար վերջացած չէ։ Բայց այդ բարոյական փոփոխության հետ միասին, նա ֆիզիկապես շատ թուլացել է։ Նիհարել է և առաջվանից ավելի ջղային դարձել։ Ես անհանգստանում եմ նրա համար և ուրախ եմ, որ նա գնաց արտասահման, մի բան, որ բժիշկները վաղուց արդեն խորհուրդ էին տալիս նրան։ Հույս ունեմ, որ այդ ճանապարհորդությունը նրան կկազդուրի։ Դուք գրում եք, որ Պետերբուրգում նրա մասին խոսում են, իբրև ամենագործունյա, կրթված ու խելոք մարդկանցից մեկի մասին։ Ներեցեք տոհմական ինքնասիրությանս համար — ես այդ բանում երբեք չեմ կասկածել։ Անգնահատելի է այն բարիքը, որ արավ նա այստեղ ամենքին՝ գյուղացիներից սկսած մինչև ազնվականները։ Պետերբուրգ գնալով՝ նա ստացավ այն, ինչ որ պետք էր։ Զարմանում եմ առհասարակ, թե այդ լուրերն ինչպես են Պետերբուրգից Մոսկվա հասնում և մանավանդ այնքան անստույգ լուրեր, ինչպես այն, որի մասին գրում եք դուք,— եղբորս կարծեցյալ ամուսնությունը փոքրիկ Ռոստովայի հետ։ Ես չեմ կարծում, թե Անդրեյը երբևիցե ամուսնանա որևէ մեկի հետ, և մանավա՛նդ նրա հետ։ Եվ ահա թե ինչո՛ւ. նախ՝ ես գիտեմ, որ նա թեև սակավ է խոսում հանգուցյալ կնոջ մասին, բայց այդ կորստյան ցավը այնքան խորն է արմատացել նրա սրտում, որ նա հազիվ թե երբևիցե վճռեր փոխանակ բերելու մի խորթ մայր՝ մեր փոքրիկ հրեշտակի համար, երկրորդ այն պատճառով, որ որքան գիտեմ, այդ աղջիկը այն կարգի կանանցից չէ, որոնք կարող են իշխան Անդրեյին դուր գալ։ Չեմ կարծում, որ իշխան Անդրեյը նրան կին ընտրեր իր համար, և բացարձակ կասեմ, ես այդ չեմ ցանկանում։ Բայց ես շատ խոսեցի, վերջացնում եմ երկրորդ թերթը։ Մնացեք բարով, իմ սիրելի բարեկամ, թող պահպանի ձեզ աստված իր սուրբ և հզոր հովանու ներքո։ Իմ սիրելի ընկերուհին՝ mademoiselle Bourienne-ը համբուրում է ձեզ։ Մարիա»։
XXVI
Ամառվա կեսին իշխանադուստր Մարիան անսպասելի նամակ ստացավ իշխան Անդրեյից՝ Շվեյցարիայից, որով եղբայրը հայտնում էր նրան մի տարօրինակ ու անսպասելի նորություն։ Իշխան Անդրեյը գրում էր Ռոստովայի հետ նշանվելու մասին։ Նրա ամբողջ նամակն արտահայտում էր սիրային հիացում դեպի հարսնացուն և քնքուշ բարեկամություն ու վստահություն դեպի քույրը։ Նա գրում էր, թե ինքը երբեք այնպես չի սիրել, ինչպես այժմ է սիրում, և թե միայն այժմ է հասկանում ու ճանաչում կյանքը, նա քրոջը խնդրում էր ներել իրեն, որ Լիսիե Գորի եկած ժամանակ նրան ոչինչ չհայտնեց այդ որոշման մասին, թեև այդ առթիվ խոսել էր հոր հետ։ Նա այդ բանը նրան չասավ նրա համար, որովհետև իշխանադուստր Մարիան սկսելու էր հորը խնդրել՝ համաձայնություն տալու, և նպատակին չհասնելով, իզուր ջղայնացնելու էր հորը և նրա անբավականության ամբողջ ծանրությունը կրելու էր իր վրա։ «Համենայն դեպս,— գրում էր նա,— այն ժամանակ բանը դեռ վերջնականապես որոշված չէր, ինչպես այժմ։ Այն ժամանակ հայրս նշանակեց մի տարի միջոց, որն ահա կես է եղել, այսինքն այդ ժամանակամիջոցից վեց ամիս է անցել, և ես ավելի քան երբևիցե հաստատ եմ մնում իմ որոշմանը։ Եթե բժիշկներն ինձ այստեղի ջրերում, չպահեին, ես հիմա Ռուսաստանում կլինեի, բայց այժմ իմ վերադարձը պիտի հետաձգեմ ևս մի երեք ամսով։ Դու ճանաչում ես ինձ և գիտես իմ հարաբերությունները հորս հետ։ Ես նրանից ոչինչ չեմ ուզում. եղել եմ և միշտ կլինեմ անկախ, բայց գործել հակառակ նրա կամքի, արժանանալ նրա զայրույթին, երբ գուցե շատ քիչ ժամանակ է մնացել նրան մեզ հետ ապրելու,— դա կիսով չափ կխորտակեր իմ երջանկությունը։ Ես այժմ նույն բանի մասին նամակ եմ գրում նրան և քեզ կխնդրեի, հարմար րոպե ընտրելով, հանձնել նրան նամակը և տեղեկություն տալ ինձ, թե նա ինչպես է նայում այս բոլորին, և հույս կա՞ արդյոք, որ նա իր նշանակած ժամանակամիջոցը կրճատի մի չորս ամսով»։
Երկար տատանումներից, կասկածներից ու աղոթքներից հետո իշխանադուստր Մարիան եղբոր նամակը հանձնեց հորը։ Հաջորդ օրը ծեր իշխանը հանդարտ ասավ նրան.
— Գրիր եղբորդ, որ սպասի մինչև մեռնելս…. Դա շատ չի քաշի, շուտով կազատեմ…
Իշխանադուստրը կամեցավ ինչ-որ մի բան ասել, առարկել, բայց հայրը թույլ չտվեց և ձայնն ավելի ու ավելի բարձրացրեց.
— Ամուսնացի՛ր, ամուսնացի՛ր, սիրելիս…. Լավ տոհմ է… Խելոք մարդիկ են, հը՞։ Հարուստ են, հը՞։ Այո։ Նիկոլենկան մի լավ խորթ մայր կունենա։ Գրիր նրան, թո՛ղ հենց վաղն ամուսնանա։ Նա կլինի Նիկոլուշկայի խորթ մայրը, իսկ ես Բուրիենկի հետ կամուսնանամ… Հա՛-հա՛-հա՛, որ ինքն էլ առանց խորթ մոր չմնա։ Միայն մի բան իմացե՛ք։ Իմ տան մեջ այլևս կինարմատ հարկավոր չէ. թող պսակվի ու ինքն իրեն ապրի։ Գուցե դո՞ւ էլ նրա մոտ փոխադրվես,— դիմեց նա իշխանադուստր Մարիային։— Բարի՛ ճանապարհ ձեզ, բարի ճանապարհ։
Այս բռնկումից հետո իշխանն այլևս ոչ մի անգամ այդ բանի մասին չխոսեց։ Բայց որդու փոքրոգության հանդեպ ունեցած զայրույթը միշտ արտահայտվում էր հոր և աղջկա հարաբերությունների մեջ։ Հեգնության նախկին առիթներին ավելացավ մի խոսակցություն ևս — խորթ մոր և m-lle Bolirienne-ը նկատմամբ ցույց տված սիրալիրության մասին։
— Ինչու ես էլ նրա հետ չամուսնանամ,— ասում էր նա աղջկան, ակնարկելով m-lle Bourienne-ին։— Փառավոր իշխանուհի կլինի։
Եվ իշխանադուստր Մարիան վերջին ժամանակներս տարակուսանքով ու զարմանքով սկսեց նկատել, որ հայրն իսկապես սկսում է ավելի ու ավելի մտերմանալ ֆրանսուհուն։ Իշխանադուստր Մարիան եղբորը գրեց, թե հայրն ինչպես ընդունեց նրա նամակը, բայց նա եղբորր հույս տալով մխիթարում էր, թե հորն այդ մտքի հետ կհաշտեցնի։
Նիկոլուշկան ու նրա կրթությունը, Andrè-ն ու կրոնը իշխանադուստր Մարիայի մխիթարանքը և ուրախություններն էին, սակայն դրանից զատ, որովհետև յուրաքանչյուր մարդու հարկավոր են անձնական հույսեր, իշխանադուստր Մարիայի հոգու ամենախոր անկյունում կար մի թաքնված երազ և հույս, որոնք կազմում էին նրա կյանքի գլխավոր սփոփանքը։ Այդ սփոփիչ երազն ու հույսը նրան տվել էին «աստծու մարդիկ»— թափառական ուխտավորները, որոնք իշխանից ծածուկ այցելում էին նրան։ Որքան շատ էր ապրում իշխանադուստր Մարիան, որքան ավելի էր փորձում կյանքր և դիտում այն, այնքան ավելի էր զարմանում մարդկանց կարճատեսության վրա, որ այստեղ՝ երկրի վրա որոնում էին վայելք ու երջանկություն, և չարչարվելով, տառապելով, պայքարելով ու միմյանց չարիք հասցնելով, ձգտում էին այդ անհնարին, երևութական ու արատավոր երջանկության։ Իշխան Անդրեյը կնոջը սիրում էր, նա մեռավ, կարծես դա նրա համար քիչ էր, հիմա էլ ուզում է բախտը կապել ուրիշ կնոջ հետ։ Հայրս այդ չի ուզում, որովհետև Անդրեյի համար ցանկանում է ավելի նշանավոր ու հարուստ ամուսնություն։ Եվ բոլորը պայքարում ու տանջվում են, և տանջվում ու ապականում են իրենց հոգին, իրենց հավերժական հոգին, որպեսզի հասնեն այն բարիքներին, որոնց գոյությունը մի ակնթարթ է տևում։ Բայց այն, ինչ որ մենք գիտենք, գիտենք նաև, որ Քրիստոսը՝ աստծո որդին, աշխարհ եկավ և մեզ ասավ, որ այս կյանքը՝ ակնթարթային կյանք է, փորձություն, իսկ մենք շարունակ կառչում ենք նրան և մտածում ենք նրա մեջ երջանկություն գտնելու։ «Ինչպես է, որ ոչ ոք չի հասկացել այդ», մտածում էր իշխանադուստր Մարիան։ «Ոչ ոք, բացի արհամարհված «ասածո մարդկանցից», որոնք մախաղն ուսներին գալիս են ինձ մոտ ետևի դռնից, որ իշխանը չտեսնի իրենց՝ ո՛չ թե նրա համար, որ նրանից չտուժեն, այլ նրա համար, որ նրան մեղքի մեջ չգցեն։ Թողնել ընտանիք, հայրենիք, աշխարհային բարիքների հետ կապված բոլոր հոգսերը, ոչ մի բանի չկպչել, թափառել քաթանե ցնցոտիներով, օտար անունով՝ տեղից-տեղ, վնաս չհասցնելով մարդկանց ու նրանց համար աղոթելով, աղոթելով և՛ նրանց համար, որոնք հալածում են իրենց, և՛ նրանց համար, որոնք հովանավորում են. այս ճշմարտությունից ու կյանքից բարձր չկա ուրիշ ճշմարտություն ու կյանք»։
Կար մի թափառական ուխտավոր կին՝ Ֆեդոսուշկա անունով, 50 տարեկան, փոքրիկ, լռիկ, չեչոտ դեմքով. 30 տարուց ավելի էր, որ շրջում էր նա բոբիկ ու կապանքներով։ Իշխանադուստր Մարիան առանձնապես սիրում էր նրան։ Մի անգամ, երբ մութ սենյակում, միայն կանթեղի լույսի տակ, Ֆեդոսուշկան պատմում էր իր կյանքը, հանկարծ իշխանադուստր Մարիային ուժգնապես տիրեց մի միտք, թե միայն Ֆեդոսուշկան է, որ գտել է կյանքի ճշմարիտ ուղին, ուստի ինքն էլ որոշեց՝ գնալ թափառել։ Երբ Ֆեդոսուշկան գնաց քնելու, իշխանագուստր Մարիան երկար մտածեց այդ բանի մասին և, վերջապես որոշեց, որ, որքան էլ այդ տարօրինակ էր, ինքը պիտի գնար թափառելու։ Նա իր մտադրությունը հայտնեց միայն իր խոստովանահայր վանականին՝ հայր Ակինֆիին, և խոստովանահայրը հավանություն տվեց նրա մտադրության։ Թափառական ուխտավոր կանանց նվեր տալու պատրվակով իշխանադուստր Մարիան իր համար պատրաստեց ուխտավոր կնոջ լրիվ հանդերձանք. շապիկ, տրեխներ, կաֆտան ու սև գլխաշոր։ Հաճախ, նվիրական պահարանին մոտենալով, իշխանադուստր Մարիան կանգ էր առնում անվճռականության մեջ, մտածելով, թե ժամանակը չի՞ արդյոք իր մտադրությունն իրագործելու։
Հաճախ ուխտավոր կանանց պատմությունները լսելով նա ոգևորվում էր այդ հասարակ, նրանց համար մեքենական, իսկ իր համար խոր մտքերով լի զրույցներով, այնպես որ մի քանի անգամ նա պատրաստ էր ամեն ինչ թողնել ու տնից փախչել։ Երևակայությամբ նա իրեն տեսնում էր արդեն Ֆեդոսուշկայի հետ, որ կոշտ շապկով, ցուպը ձեռին և մախաղն ուսին քայլում էր փոշոտ ճամփով՝ առանց նախանձի, առանց մարդկային սիրո, առանց ցանկությունների, իր թափառումներն ուղղելով մի սրբավայրից մյուսը, և վերջ ի վերջո այնտեղ, ուր չկա ո՛չ վիշտ, ո՛չ հառաչանք, այլ կա միայն հավիտենական ուրախություն ու երանություն։
«Կերթամ մի տեղ կաղոթեմ, դեռ չընտելացած այդ տեղին, դեռ չսիրած — կերթամ մի ուրիշ տեղ, հեռուն։ Եվ կերթամ այնքան ժամանակ, մինչև ոտներս հոգնեն. և կպառկեմ ու կմեռնեմ մի որևէ տեղ. և, վերջապես, կհասնեմ այն հավիտենական, խաղաղ հանգրվանը, ուր չկա ո՛չ վիշտ, ո՛չ հառաչանք…», մտածում էր իշխանադուստր Մարիան։
Բայց հետո, տեսնելով հորը և մանավանդ փոքրիկ Կոկոյին, նրա մտադրությունը թուլանում էր, կամացուկ լալիս էր և զգում, որ ինքը մեղավոր է, որ հորն ու եղբոր որդուն ավելի է սիրում, քան աստծուն։
- ↑ Հանրային փրկության կոմիտե։
- ↑ Ամեն ինչ նրա ձևով է կատարվում։
- ↑ Վախենում եք ետ մնալ։
- ↑ … միապետությունների հիմքը պատիվն է, ես համարում եմ անվիճելի։ Ազնվականության մի քանի իրավունքներն ու արտոնությունները ես համարում եմ այդ զգացումը պահպանելու միջոց։
- ↑ Եթե դուք այդպես եք նայում խնդրին։
- ↑ Դա սքանչելի կենդանի է։
- ↑ Որքան հրապուրիչ, նույնքան և խելոք, հիանալի կնոջ համբավ։
- ↑ Սա պիտի իմ կինը լինի։
- ↑ Զմայլված եմ ձեզ տեսնելով։
- ↑ Այժմ նրանից է կախված անձրևային կամ պայծառ եղանակը (ֆրանսիական առած է, որ նշանակում է, թե նա հաջողություն ունի)։
- ↑ Երկրպագուներ ունենալու բավականությունը։
- ↑ Եվ Նատաշային, պետք է խոստովանել, այդ շատ դուր է գալիս։
- ↑ Գգվանքների աշխարհում։
- ↑ Գիտեք հորեղբոր որդու և հորեղբոր աղջկա միջև եղած մոտիկությունը երբեմն հասցնում է սիրո։ Այնպիսի ազգակցությունը վտանգավոր հարևանություն է։ Այնպես չէ՞։
- ↑ Ամուսնություններն երկնքումն են կատարվում։