«Սիրո վեպը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Սիրո վեպը |հեղինակ = Ավետիք Իսահակյան |աղբյուր = |թարգմանիչ = }} ==Սաադիի վեր...»:)
(Տարբերություն չկա)

13:34, 29 Հունվարի 2019-ի տարբերակ

Սիրո վեպը

հեղինակ՝ Ավետիք Իսահակյան

Սաադիի վերջին գարունը

Սիրո վեպը Հոգնել եմ սիրելուց ես արդեն, և տաղտուկ է պատճառում ինձ սիրային վեպը։ Սակայն մի փոքրիկ վեպ, սիրո մի թերատ վեպ, միշտ հնչում է իմ ականջում, և լավ չեմ հիշում՝ երազո՞ւմս եմ լսել այդ վեպը, թե՞ արթմնի, ասես հին-հին դարերի մի հեքիաթ լինի այդ, որ հյուսել է մի հարազատ ոգի, հեռավոր մի աշխարհում․․․

Կանաչ ծառի տակ նստել էր մի գուսան՝ կրծքին գրկած մի սաղ, որը միայն մի լար ուներ, մի քնքուշ լար։

Կանաչ ծառի մոտով հոսում էր մի երգող առվակ․ նրա բյուրեղաին ալիքները երգում էին այն ոսկեշող ամպերի մասին, որոնք պսակում են լեռների ադամանդի ճակատները, որտեղից նրանք վայր են ցատկել և երգում էին այն զմրուխտյա դաշտերի մասին, որտեղից հոսել եկել էին կարկաչելով։

Գուսանը մեղմիկ զարկում էր լարին, և հեծկլտում էր լարը և պատմում էր լարը սիրո մի փոքրիկ վեպ։

Հոյակապ դղյակում ապրում էր մի չքնաղ աղջիկ, այնսպե՜ս գեղեցիկ, այնպե՜ս գեղեցիկ, ինչպես շուշանագեղ կարապը լճի ոսկեվառ ալիքների վրա։ Նստել է պատշգամբում և ասեղնագործում է։ Հեռավոր երկրից եկել է մի պատանի․ ծնադիր կանգնել է գեղեցիկ աղջկա դղյակի առաջ, պատշգամբի տակ ու սեր է աղերսում․

«Քո սիրո համար ես մոռացել եմ
Հայր և մայր, հայրենիք և աշխարհն ամբողջ
Իմ երջանկությունը քո ոտների տակն է այսուհետ։
Նայիր ինձ գեթ մի անգամ»։

Աղջիկը սակայն չի լսում նրան․ ասեղնագործում է նա և երազում։

Նա հիշում է, թե ինչպես մի օր, մի ասպետ նժույգով՝ անցավ դղյակի առջևով․ միայն մի անգամ նայեց նրան և ասպանդակեց իր ձին, բայց սիրով խոսեց նրա կուսական սիրտը, իսկ անգութ ասպետը գնաց, գնաց առանց ետ նայելու։

Նա լալիս է անմխիթար, թողել է դղյակը, առել է մի երկաթե ցուպ, թափառում է աշխարհե-աշխարհ, ծեծում է ամեն մի դուռ, նայում է ամեն մի դեմքի՝ գտնելու համար իր սիրած ասպետին, որը գնաց, գնաց․․․

Իսկ հեռավոր երկրց եկած պատանին ծնրադիր՝ նորից սեր է աղերսում և ասում է․

«Հոգիս քաղվում է քեզ համար,
Դարեր և դարեր կկանգնեմ
Քո դռան առաջ ձյունի ու մրրիկի տակ։
Եվ միայն մահը կարող է ինձ բաժանել քեզանից։
Դու ես իմ սերը - իմ կյանքն ու մահը․․․»։

Աղջիկը սակայն չի լսում նրան։ Աստեղնագործում է նա և երազում։ - Գտել է նա իր սիրածի հետքը, ահա գտել է նաև իր սիրածին․ և արտասվելով իր անհուն սերն է հայտնում նրան, բայց, ավա՜ղ, իր երազած ասպետը չի լսում նրան․ նա գնում է մի հեռավոր աշխարհ․ նա գնում է իր սիրո հետևից, կամ կտիրանա իր սիրուն, կամ ետ չի դառնա, էլ ետ չի դառնա․․․

Օրերն անցնում են օրերի հետևից, և հեռավոր երկրից եկած պատանին ծնրադիր նորից սեր է աղերսում և․․․

Հեծկլտաց քնքուշ լարը, դողաց, թրթռաց և կտրվեց հանկարծ։

Կանաչ ծառի տակ նստած մնաց գուսանը՝ կրծքին գրկած սազը՝ առանց լարի, և սիրո այս փոքրիկ վեպը մնաց կիսատ։ Սակայն այն թերատ վեպը միշտ հնչում է իմ ականջում, և լավ չեմ հիշում՝ երազո՞ւմս եմ լսել այն, թե՞ արթմնի, ասես, հին-հին դարերի մի հեքիաթ լինի, որ հյուսել է մի հարազատ ոգի հեռավոր մի աշխարհում։