― Փարիզն ինձ առանձնապես չի հուզում։
― Ահա, խնդրեմ։ Ես խղճում էի Կոնին, բայց ոչնչով չէի կարող օգնել, որովհետև անմիջապես բախվում էի նրա երկու սևեռուն գաղափարներին՝ միակ փրկությունը Հարավային Ամերիկան է, և նա չի սիրում Փարիզը։ Առաջին միտքը նա կարդացել էր ինչ֊որ գրքում, թերևս՝ երկրորդը նույնպես։
― Լավ, ― ասացի, ― ստիպված եմ վերև բարձրանալ՝ հեռագրեր պետք է ուղարկեմ։
― Անշուշտ։ Իսկ դո՞ւ։
― Տեսնենք։ Այս քաղաքում նախօրորք նախօրոք ոչինչ չես իմանա։
― Դու Փարիզը չե՞ս սիրում։
― Իհարկե, սիրելիս։ Մադմաուզել Հոբին, ես նրան վաղուց եմ ճանաչում։
― Օ, մադմաուզել մադմուազել Հոբին, ― ասաց Ֆրենսիս Քլայնը, ― ֆրանսերեն շատ արագ և վարժ խոսելով, որն ի տարբերություն միսիս Բրեդոքսի, ոչ զարմանում էր, ոչ էլ հպարտանում իր ֆրանսերենով, ― ասացեք, դուք վաղո՞ւց եք Փարիզում։ Ձեզ այստեղ դո՞ւր է գալիս։ Դուք սիրում եք Փարիզն, այնպես չէ՞։
― Սա ո՞վ է, ― դարձավ ինձ Ժորժետը։ ― Պե՞տք է, որ սրա հետ խոսեմ։
Ֆրենսիսը մի փոքր հարբած էր և անշուշտ դեռ կուզենար շարունակել այդ նույն ոգով, բայց սուրճ մատուցեցին և մոտեցավ Լավինը լիքյորներով, իսկ հետո բոլորս դուրս եկանք և շարժվեցինք դեպի Բրեդոքսների ասած պարասրահը։
Պարզվեց դա մի «Bal Musette»<ref>Bal Musette ― էժանագին պարասհրահ պարասրահ (ֆր․)։</ref> էր։ Montagne Sainte Genevieve փողոցում։ Շաբաթական հինգ օր երեկոներն այստեղ պարում էին Պանթեոնի շրջանի բանվորները, իսկ շաբաթը մի երեկո այն դառնում էր ազատ պարասրահ։ Երկուշաբթի երեկո պարասրահը փակ էր։ Երբ մենք եկանք, դռան մոտ նստած ոստիկանից, պարասրահի տիրոջից ցինկապատ վաճառասեղանի ետև կանգնած նրա կնոջից բացի, այնտեղ մարդ չկար։ Մեր ներս մտնելուն պես, վերևի հարկից իջավ տանտիրոջ աղջիկը։ Սենյակում սեղաններ և երկար նստարաններ էին դրված, իսկ հեռու, այդ մեծ սրահի ծայրին պարի հարթակն էր։
― Ափսոս, որ այսպես ուշ են հավաքվում, ― ասաց Բրիդոքսը։
― Էհ, մի գավաթ ևս կարելի է։
― Շնորհակալություն , կխմեմ։
Կանչեցինք տանտիրոջ աղջկան, և նա ամեն մեկիս համար fine a l'eay<ref>ֆրանսիական խմիչք (կոնյակ և ջուր)։</ref> բերեց։
― Եվ ինչո՞վ վերջացավ։
― Ինչ֊որ մեկը նրան տարավ։ Շատ սիրունիկն էր։ Հիանալի տիրապետում էր փարիզյան ժարգոնին։ Նստիրմ Նստիր, արի մի֊մի գավաթ խմենք։
― Ոչ, ― ասացի։ ― Արդեն պետք է գնամ։ Կոնին չե՞ք տեսել։
― Այսօր նամակ ստացա։
Դուրս եկա փողոց և քայլեցի դեպի Սեն֊Միշել բուլվար, անցա «Ռոտոնդ» սրճարանի դեռ մարդաշատ սեղանիկների մոտով, նայեցի փողոցի մյուս կողմում գտնվող «Դոմ» սրճարանին, որի սեղանիկներն արդեն գրավել էին ամբողջ մայթը։ Ինչ֊որ մեկն այդ սեղանիկների մոտից ինձ ձեռքով արեց, չտեսա ով էր, և շարունակեցի ճանապարհս։ Ուզում էի տուն հասնել։ Մոնպարռնաս Մոնպառնաս բուլվարն ամայի էր։ Լավին «Լավին» ռեստորանն արդեն փակ էր, իսկ «Քլոզերի դը Լիլա» ռեստորանի առջև արդեն հավաքում էին սեղանները։ Անցա Նեյի արձանի մոտով, որ կանգնած էր շագանակենիների կանաչ տերևների մեջ, աղեղնավոր լամպերի լույսով լուսավորված։ Պատվանդանի մոտ դրված էր թառամած կարմիր ծաղկեպսակ։ Կանգ առա և կարդացի ժապավենի վրայի մակագրությունը՝ բոնապարտիստական խմբերից էր, և ամսաթիվն էլ կար, որը չեմ հիշում։ Հոյակապ էր այդ մարշալ Նեյն իր բոտֆորտներով, սուրը թափահարելով շագանակների թարմ, կանաչ տերևների մեջ։ Ես ապրում էի հենց դիմացը, Սեն֊Միշել բուլվարի սկզբում։
Դռնապանի սենյակում լույսը վառվում էր, դուռը բախեցի, և նա տվեց ինձ իմ թղթակցությունը։ Բարի գիշեր մաղթեցի այդ կնոջն ու բարձրացա վերև։ Երկու նամակ էր և մի քանի լրագիր։ Դրանք աչքի անցկացրի ճաշասենյակում գազե լապտերի լույսով։ Նամակներն Ամերիկայից էին։ Մեկը բանկային հաշիվ էր։ Մնացել էր 2432 դոլար և 60 ցենտ։ Վերցրի չեկի գրքույկս, հանեցի վերջին չորս չեկերի գումարը, որ դուրս էի գրել այդ հաշվից հետո, և հաշվեցի, որ մնացորդը կազմում է 1832 դոլար 60 ցենտ։ Այդ գումարը գրեցի նամակի հակառակ երեսին։ Մյուս նամակը ամուսնության ծանուցում էր։ Միստր և միսիս Ալոիզիուս Քիրբիները հայտնում էին իրենց դստեր՝ Քեթրինի ամուսնության մասին։ Ես չէի ճանաչում ոչ այդ աղջկան, ոչ էլ նրան, ու ում հետ ամուսնանում էր։ Հավանաբար նրանք այդպիսի ծանուցագրեր տարածել էին քաղաքով մեկ։ Ծիծաղելի անուն էր։ Վստահ եմ, որ եթե Ալոիզիուս անունով մեկին ճանաչեի, չէի կարող մոռանալ։ Լավ կաթոլիկական անուն էր։ Ծանուցագրի վրա զինանշան կար։ Ինչպես Զիզին՝ հույն դուքս։ Եվ կոմսը։ Կոմսն էլ ծիծաղելի էր։ Բրեթն էլ՝ լեդի Էշլի։ Գրողի ծոցը Բրեթը։ Գրողի ծոցը լեդի Էշլին։
Վառեցի մահճակալիս մոտի լամպը, հանգցրի գազը ճաշասենյակում ու բացեցի ննջարանի լայն պատուհանները։ Մահճակալս պատուհանից հեռու էր, նստել էի մահճակալի մոտ և այդպես, պատուհանը բաց, հանվում էի։ Գիշերային գնացքը, որ բանջարեղեն էր տանում շուկաները, անցավ տրամվայի գծերով։ Այդ գնացքները, հատկապես դղրդում են գիշերները, երբ չես կարողանում քնել։ Հանվելով, նայում էի ինձ մահճակալի մոտ դրված զգեստապահարանի հայելու մեջ։ Իրերը դասավորված էին իսկական ֆրանսիական ձևով։ Թերևս, հարմար է։ Պե՞տք էր, որ ես հենց այս ձևով վիրավորվեի․․․ Իսկապես որ ծիծաղելի է։ Հագա պիժամաս ու անկողին մտա։ Սպորտային երկու ամսագիր ունեի, հանեցի դրանք իրենց փաթեթներից։ Մեկը նարնջագույն էր, մյուսը՝ դեղին։ Հավանաբար երկուսի մեջ էլ նույն հաղորդագրությունները կլինեն, ուստի որն էլ առաջինը կարդամ, մյուսը չեմ ուզենալու կարդալ։ «Լը Տորիլ»֊ն ավելի լավն է, սկսեցի այդ ամսագիրը կարդալ։ Կարդացի ծայրից ծայր, նույնիսկ խմբագրությանն ուղղված նամակներն ու հանելուկ֊կատակները։ Հանգցրի լամպը։ Միգուցե հաջողվի քնել։
==Գլուխ հինգերորդ==
Առավոտյան բուլվարով քայլեցի մինչև Սուֆլո փողոց և մի գավաթ սուրճ խմեցի բրիոշով։ Սքանչելի առավոտ էր։ Լյուքսեմբուրգյան պարտեզի շագանակենիները ծաղկել էին։ Զգացվում էր վաղ առավոտի զովությունը ցերեկվա շոգից առաջ։ Սուրճ խմելու ընթացքում աչքի անցկացրի առավոտյան լրագրերը և մի սիգարետ ծխեցի։ Ծաղկավաճառ կանայք գալիս էին շուկայից և դասավորում իրենց օրվա ապրանքը։ Անցնում էին ուսանողները՝ ոմանք իրավաբանական ինստիտուտ, ոմանք Սորբոն։ Բուլվարով անընդհատ անցնում էին տրամվայներ, աշխատանքի շտապող մարդիկ։ Նստեցի ավտոբուս և վերջին հարթակում կանգնած հասա մինչև Մադլեն եկեղեցին։ Այստեղից Կապուցինների բուլվարով քայլեցի մինչև Օպերա և հասա իմ խմբագրություն։ Անցա թռչող գորտեր և խաղալիք բռնցքամարտիկներ վաճառողների կողքից։ Քայլերս թեքեցի, որպեսզի ոտքս չդնեմ թելի վրա, որով վաճառողի աղջիկը շարժան շարժման մեջ էր դնում բռնցքամարտիկներին։ Նա կանգնել էր երեսը շրջած, թելերը իրար միացրած ձեռքերի մեջ։ Վաճառողը համոզում էր երկու զբոսաշրջիկների, որ գնեն խաղալիքը։ Եվս երեք զբոսաշրջիկ մոտեցան և նայում էին։ Ես քայլում էի մի մարդու ետևից, որը գլանը գլորելով խոնավ տառերով գրում էր մայթին CINZANO։ Շուրջբոլորս մարդիկ աշխատանքի էին շտապում։ Հաճելի էր զգալ, որ գնում ես աշխատանքի։ Կտրեցի փողոցն ու թեքվեցի դեպի իմ խմբագրությունը։
Աշխատասենյակ բարձրանալով, կարդացի առավոտյան ֆրանսիական թերթերը, ծխեցի, հետո նստեցի մեքենայի առջև և լարված աշխատեցի այդ ամբողջ առավոտ։ Ժամը տասնմեկին տաքսի նստեցի և գնացի Quai d' Orsay, մտա մինիստրություն և մի կես ժամ նստեցի այնտեղ բազմաթիվ թղթակիցների հետ, ստիպված լսելով, թե ինչպես Արտաքին գործերի մինիստրության ներկայացուցիչը, եղջերավոր ակնոցով մի երիտասարդ դիվանագետ, խոսում է ու պատասխանում հարցերեին։ Մինիստրների կաբինետի նախագահը մեկնել էր Լիոն, որտեղ պետք է ճառ արտասաներ, կամ էլ, թերևս, արդեն վերադարձի ճանապարհին էր։ Մի քանիսը հարցեր էին տալիս լոկ իրենք իրենց լսելու համար, իսկ հեռագրական գործակալության ներկայացուցիչներից էլ ոմանք հարցեր էին տալիս պատասխան լսելու համար։ Ոչ մի նորություն չկար։ Վերադարձին Ուոլսիի և Քրամի հետ նույն տաքսիով եկա։
― Ինչ կարծիքի եք, Վետցելի մոտ չգնա՞նք։ Այնտեղ հիանալի խորտիկներ են։
Ռեստորանում պատվիրեցինք խորտիտիկներ խորտիկներ և գարեջուր։ Մատուցողը սառը գարեջուր բերեց բարձր կավե գավաթներով։ Գարեջուրը շատ սառն էր և գավաթի եզրերին մանր ջրակաթիլներ էին գոյացել։ Բազմազան խորտիկներ մատուցեցին։
― Երեկ երեկոյան ուրա՞խ ժամանակ անցկացրիք, ― հարցրեցի ես։
― Բայց ի՞նչ է պատահել։
― Չգիտեմ։ Այլևս նրանց հետ կապ չունեմ։ Ոչ մի կապ չունեմ։ ― Նա առաջ թեցվեց թեքվեց և նայեց աչքերիս մեջ։
― Գիտե՞ք ձեզ ինչ կասեմ, Ջեյք։
― Չգիտեմ, ― ասաց Կոնը։ ― Եվ չեմ հասկանում, թե ինչի՞ համար է դա։
― Հենց այնպես, ուզում էի իմանալ, թե դուք ինչ կանեիք։ Ձեր գլուխը եկած առաջին միտքը։ Թեկուզ դա հիմարություն լիներ։
― Չգիտեմ, ― ասաց Կոնը։ ― Թերևս ուզեի նորից ֆուտբոլ խաղալ, մանավանդ որ հիմա մարզված եմ։
― Օհ, այն, ինչ ասացի Ջեյքին, ոչ մի գաղտնիք էլ չէ։ Շուտով դա բոլորը կիմանան։ Ուզում էի պարզապես, որ Ջեյքն ինձ ավելի լավ հասկանա։
― Ինչի՞ մասին էիք խոսում։ Քա Քո Անգլիա գնալո՞ւ։
― Այո, իմ Անգլիա գնալու մասին։ Օհ, Ջեյք, մոռացա ասեմ, որ Անգլիա եմ գնում։
― Իսկ դո՞ւ ինչ ես անելու, Ռոբերտ։ Այս ամենն իմ մեղքով է, ես գիտեմ։ Ես եմ մեղավոր։ Երբ քեզ ստիպեցի հեռանալ այն աղջկանից, քո ամսագրի այն քարտուղարուհուց, պետք է հասկանայի, որ նույն ձևով էլ ինձ հետ կվարվես։ Ջյեքն այդ պատմությունը չգիտի։ Պատմե՞մ։
― Ֆրենսիս, աստծո սիրուն, լռիրի։լռիր։
― Այո, պիտի պատմեմ։ Ռոբերտի ամսագրում մի փոքրիկ քարտուղարուհի էր աշխատում։ Մի սքանչելի աղջիկ, և Ռոբերտը գտնում էր, որ նա չքնաղ է։ Հետո հայտնվեցի ես, ստիպեցի նրան թողնել այդ աղջկան, որին նա, երբ խմբագրությունը տեղափոխվել էր, Փրովինսթաուն էր բերել Քարմելից, և թողեց նրան՝ չվճարելով նույնիսկ նրա վերադարձի ծախքերը։ Անում էր այդ, որ ինձ հաճույք պատճառի։ Այն ժամանակ նա գտնում էր, որ ես հետաքրքիր եմ։ Այնպես չէ՞, Ռոբերտ։
― Ջեյք, դուք սխալ չհասկանաք։ Քարտուղարուհու հետ նրա հարաբերությունները պաշտոնական էին։ Նույնիսկ պլատոնական էլ չէ։ Պարզապես ոչինչ, հասկանո՞ւմ եք։ Ուղղակի նա շատ գեղեցիկ աղջիկ էր։ Իսկ այդ արեց, որպեսզի ինձ հաճույք պատճառի։ Էհ, փոս փորողն ինքը մեջը կընկնի։ Տեղին է ասված, չէ՞։ Ռոբերտ, խորհուրդ եմ տալիս սա միտքդ պահես, քո հաջորդ գրքի համար։ Ռոբերտը, հասկանում եք, նյութեր է հավաքում նոր գրքի համար։ Այդպես է, չէ՞, Ռոբերտ։ Ահա հենց այդ պատճառով էլ նա թողնում է ինձ։ Նա գտել է, որ ես բավականաչափ հարմար չեմ պատկերելու համար։ Հասկանում եք, այս ամբողջ ժամանակ, որ մենք ապրում էինք միասին, նա այնքան զբաղված էր իր գիրքը գրելով, որ ոչինչ չի պահել հիշողության մեջ մեր կյանքից։ Եվ, ուրեմն, նա փորձում է նոր նյութ գտնել։ Օ, հուսով եմ, որ նա մի արտակարգ հետաքրքիր բան կգտնի։
― Լսիր, Ռոբերտ, սիրելիս։ Թույլ տուր մի բան ասեմ։ Չես նեղանա, այնպես չէ՞։ Երբեք կռիվ ու վեճեր մի սարքիր սիրածդ կանանց հետ։ Աշխատիր նրանց հետ չկռվել։ Որովհետև առանց լաց լինելու դու չես կարողանում կռվել, իսկ երբ լաց ես լինում, սկսում ես ինքդ քեզ խղճալ ու այլևս չես կարողանում հիշել ու հասկանալ, թե ինչ են ասում քեզ։ Այդպես դու երբեք ոչ մի երկխոսություն միտքդ չես պահի։ Աշխատիր չհուզվել։ Գիտեմ, դա շատ դժվար է։ Բայց հիշիր, չէ՞որ չէ՞ որ դա պետք է անես հանուն գրականության։ Ահա ես։ Ես գնում եմ Անգլիա առանց մի առարկության։ Եվ դա նորից հանուն գրականության։ Բոլորս պարտավոր ենք օգնել երիտասարդ գրողներին։ Դուք համաձայն չե՞ք, Ջեյք։ Բայց դուք երիտասարդ գրող չեք։ Իսկ դո՞ւ, Ռոբերտ։ Դու երեսունչորս տարեկան ես։ Ասենք, կարծեմ մեծ գրողի համար դա շատ չէ։ Հիշենք Հարդիին։ Հիշենք Անոտոլ Ֆրանսին, որը հենց վերջերս մահացավ։ Բայց Ռոբերտը գտնում է, որ Ֆրանսը այնքան էլ մեծ գրող չէ։ Դա նրա ֆրանսիացի ընկերներն են նրան ասել։ Նա ինքը ֆրանսերեն այնքան էլ լավ չի կարդում։ Նա քո չափ տաղանդավոր չէր, չէ՞, Ռոբերտ։ Ինչ ես կարծում, նա էլ կարիք ունեցե՞լ է նյութ որոնելու։ Եվ քո կարծիքով նա ի՞նչ էր ասում իր սիրուհիներին, երբ չէր ուզում ամուսնանալ։ Հետաքրքիր է, նա նո՞ւյնպես լաց էր լինում։ Օհ, ահա թե ինչ անցավ մտքովս։ ― Նա շուրթերին մոտեցրեց ձեռնոցով ձեռքը։ ― Ջեյք, ես գիտեմ, թե Ռոբերտն ինչու չի ուզում ամուսնանալ ինձ հետ։ Հիմա հանկարծ հասկացա։ Ինձ համար այդ հայտնությունը եղավ «Սելեքտ» սրճարանում։ Իսկապես միստիկա։ Կգա ժամանակ, այստեղ հուշատախտակ կկախեն։ Ինչպես Լուրդում։ Ռոբերտ, ասե՞մ։ Դե, լսիր։ Դա շատ պարզ բան է։ Զարմանում եմ, թե ինչո՞ւ առաջ գլխի չեմ ընկել։ Բանն այն է, որ Ռոբերտը միշտ ուզեցել է սիրուհի ունենալ, ու եթե նա ինձ հետ չէր ամուսնանում, ուրեմն սիրուհի ուներ։ Կասեին․ «Նա արդեն երկու տարի է, նրա սիրուհին է»։ Իսկ եթե ամուսնանար, ինչպես որ խոստացել էր, դրանով էլ ռոմանտիկան կվերջանար։ Չե՞ք կարծում, որ ես շատ ճիշտ գտա պատճառը։ Այդպես է որ կա։ Դե, նայեք նրան ու ասեք, որ դա այդպես չէ։ Ջեյք, ո՞ւր եք գնում։
― Պետք է մտնեմ բար ու տեսնեմ Հարվի Սթոնին։
― Երկու շիշ դրեք դրա մեջ, Հենրի, ― կարգադրեց կոմսը։
― Ուիրշ ի՞նչ կկամենաիքկկամենայիք, պարոն։
― Ոչինչ։ Սպասեք մեքենայի մեջ, ներքևում։ ― Նա դարձավ մեզ՝ ինձ ու Բրեթին։ ― Գնա՞նք Բուլոնյան անտառ ճաշելու։
― Ա՛յ սա գինի է, ― բաժակը բարձրացնելով ասաց Բրեթը։ ― Պետք է ինչ֊որ բանի կենաց խմել։ Խմենք, օրինակ, «Նորին մեծության կենացը»։
― Այս գինի գինին շատ է լավը կենաց խմելու համար, սիրելիս։ Պետք չէ այս գինուն կրքեր խառնել։ Համը կփչանա։
Բրեթի բաժակը դատարկ էր։
― Պարոն Բարնս, ― կոմսը լցրեց իմ բաժակը, ― սա աշխարհում իմ ճանաչած կանանցից միակ կինն է, որ հավասարապես հմայիչ է և հարբած, և սթափ վիճակում։
― Երևում է այնքան էլ շատ բան չեք տեսեկ տեսել կյանքում։
― Ոչ, սիրելիս։ Ես շատ բան եմ տեսել իմ կյանքում, շա՜տ, չափազանց շատ բան։
― Կռվե՞լ եք, ― հարցրեց Բրեթը։
― ԵբերմնԵրբեմն, սիրելիս։ Եվ վիրավորվել եմ նետերից։ Դուք երբևէ նետից առաջացած վերք տեսե՞լ եք։
― Ցույց տվեք։
― Ոչ, խմեք այստեղ։ Այստեղ այնպիսի լռություն է։
― Գրողի ծոցը գնացեք ձեր այդ լռույան լռության հետ, ― ասաց Բրեթը։ ― Չես հասկանում, թե ինչու են տղամարդիկ միշտ լռություն սիրում։
― Մեզ դուր է գալիս լռությունը, ― ասաց կոմսը, ― ինչպես ձեզ, սիրելիս, դուր է գալիս աղմուկը։
― Ավելորդ է, պարոն Բարնս, ― ասաց կոմսը։
Բրեթը, մանթոն հագին, մոտեցավ սեղանին։ Նա համբուրեց կոմսին և, ձեռքը նրա ուսին դնելով, թույլ չտվեց նրան ոտքի կանգնել։ Երն Երբ դռնից դուրս էինք գալիս, ետ նայեցի ու տեսա, որ կոմսի սեղանի շուրջ արեն երեք աղջիկ էին նստած։ Մենք նստեցինք մեծ մեքենան։ Բրեթը վարորդին ասաց իր հյուրանոցի հասցեն։
― Ոչ, մի բարձրանա, ― ասաց նա մուտքի մոտ։
― Պետք չէ, ― ասաց Բրեթը։
Նա արագ շրջվեց ու մտավ հյուրանոց։ Վարորդն ինձ տարավ տոն։ տուն։ Նրան քսան ֆրանք տվեցի, նա ձեռքը տարավ գլխարկին ու ասաց․ «Բարի գիշեր, պարոն»։ Մեքենան շարժվեց։ Սեղմեցի դռան զանգը։ Դուռը բացվեց, բարձրացա իմ բնակարանը ու անկողին մտա։
Երկուշաբթի երեկոյան նա հայտնվեց։ Լսեցի, ինչպես կանգ առավ նրա տաքսին, մոտեցա լուսամուտին և ձայն տվեցի նրան։ Նա ձեռքով արեց և ճամպրուկներն առած սկսեց բարձրանալ սանդուղքով։ Գնացի ընդառաջ և ձեռքից վերցրի մի ճամպրուկը։
― Դե, ― ասացի, ― ուրեմն լա՞վ ճամբփորդեցիր։ճամփորդեցիր։
― Հիանալի, ― ասաց նա։ ― Բուդապեշտն ուղղակի մի հիասքանչ քաղաք է։
― Միևնույն է, թե ինչ։ Միայն թե տրամադրություններս չգցենք։ Իսկ թե որ սրանք պինդ խաշած ձու ունենան այստե՞ղ։ Եթե ունենան, էլ չարժի մինչև կղզի հասնել։
― Վերջ տուր, ― ասացի ես։ ― Կգնանք ու տեղի տեղը տեղին կճաշենք։
― Դե, ես իմ առաջարկն արեցի, ― ասաց Բիլլը։ ― Ուզո՞ւմ ես գնանք։
Խմեցինք մի վերջին անգամ ու Բրեթին նստեցրինք տաքսի։
― Չմոռանաք, ժամը տասի մոտ «Սելեքտ»։ Թող նա էլ գա։ Մայլն Մայքլն էլ է լինելու։
― Կգանք, ― ասաց Բիլլը։
― Լավ, լավ։
Ճաշեցինք մադամ Լըկոնտի ռեստորանում, որ գտնվում էր կղզու հեռավոր մասում։ Ռեստորանը լցված էր ամերիկացիներով, և մենք ստիպված էինք կանգնել ու սպասել ազատ տեղի։ Ինչ֊որ մեկը մադամ Լըկոնտի այդ ռեստորանը մտցրել էր Ամերիկյան կանացի ակումբում առաջարկվող ցուցակի մեջ՝ որպես փարիզյան առափնյակում գտնվող հետաքրքիր մի ռեստորան, որ դեռ հայտնի չէ ամերիակցիներինամերիկացիներին, և ահա այդ պատճառով մենք մոտ մի երեք քառորդ ժամ ստիպված էինք սպասել ազատ սեղանի։ Բիլլն այստեղ ճաշել էր 1918 թվականին, հաշտության հայտարարությունից անմիջապես հետո, և մադամ Լըկոնտը՝ նրան տեսնելուն պես իրար անցավ․
― Իհարկե, դա մեզ չօգնեց սեղան ստանալ, ― ասաց Բիլլը։ ― Բայց միևնույն է, սա սքանչելի կին է։
Մեր կուպեում ամուսիններ էին նստած իրենց պատանյակ որդու հետ։
― Դուք կարծեմ ամերիկացինե՞ր եք, ― հարցրեց ամուսինը։ ― Հաճելի՞ ճամբորդություն ճամփորդություն է։
― Հիանալի, ― ասաց Բիլլը։
― Չգիտեմ։ Մի՞թե դուք տոմսեր չունեք։
― Էհ, այդպես որ գնա Կլանին<ref>Նկատի ունի ժամանակակից Կու֊կլուս֊կլանըԿու֊կլուքս֊կլանը, որ կազմակերպել էր 1915 թ․ մեթոդիստական քարոզիչ Ու․ Սայմոնը։</ref> էլ կմիանանք։
Հայր սուրբը շրջվեց և նայեց նրան։
― Դեհ, ձեզ հաջողություն եմ մաղթում, ― ասաց ամուսինը։
― Զգույշ եղեք զլամարտերի ցլամարտերի ժամանակ։
― Միգուցե հանդիպենք Բիարրիցում, ― ասաց Հյուբերտը։
― Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար, ― ասաց Ռոբերտը Բիլլին։ ― Ես շատ եմ լսել ձեր մասին Ջեյքից և կարդացել եմ ձեր գրքերը։ Ջեյք, դուք ինձ համար կարթաթել բերե՞լ եք։
Կառքը կանգ առավ հյուրանոցի առջև, մենք իջանք և մտանք հյուրանոց։ Հյուրանոցը վատ չէր, աշխատողներն էլ շատ բարեհամբյուր բարեհամբույր էին, և ես ու Բիլլը ստացանք մեկական փոքրիկ հարմարավետ սենյակ։
― Ահա նա գալիս է։
― Լավ կանի, որ վերջ տա իր այդ հրեական ձևերին ու իրեն չերեվակայի։չերևակայի։
― Վարսավիրանոցը փակ էր, ― ասաց Կոնը։ ― Ժամը չորսին միայն կբացվի։
― Ուզում էր քաղաքից մեկնել, իսկ մենակ նա ոչ մի տեղ չի կարողանում գնալ։ Ասում է, մտածում էր, որ դա Կոնի համար օգտակար կլինի։
― Ո՜նց են մարդիկ այսպիսի կատարյալ ապուշություններ անում։ Ինչո՞ւ նա իր մոտիկներից որևէ մեկի հետ չի մեկնել։ Կամ հենց քեզ հետ։ ― Նրա խոսքը բերանում մնաց, հետո շտապով ավելացրեց։ ― Կամ էլ ինձ հետ։ Ինչո՞ւ ոչ ինձ հետ։ ― Նա ուշադիր նայեց իրեն հայելու մեջ, յուրաքանչյուր այտոսկրին մի֊մի մեծ գունդ փրփուր դրեց։ ― Ահա ազնիվ դեմք, դեմք, որին ամեն կին կարող է վստահել։
Նա կռացավ թասի վրա, դեմքը լվաց սառը ջրով, շփեց օծանելիքով, հետո ուշադիր նայեց իրեն հայելու մեջ, ներս քաշելով վերևի երկար շրթունքը։
― Ասրտվա՜ծ Աստվա՜ծ իմ, ― ասաց նա։ ― Ինչ զզվելի դեմք է։
Հետո լռեց, շարունակելով նայել իրեն հայելու մեջ։
==Գլուխ տասնմեկերորդ==
Երբ նախաճաշից հետո ճամպրուկներս ու կարթերն առած դուրս եկանք հյուրանոցից և քայլեցինք դեպի Բուրգետե տանող ավտոբուսը, հրպարակում արևը պարզապես այրում էր։ Ավտոբուսի վերևում արդեն մարդիկ էին նստած, աստիճաններով դեռ էլի շարունակում էին բարձրանալ։ Բիլլը վերև բարձրացավ, Ռոբերտն էլ նստեց նրա կողքին, որպեսզի ինձ համար տեղ գրավի, իսկ ես ետ գնացի հյուրանոց ու մի քանի շիշ գինի վերցրի ճանապարհի համար։ Երբ վերադարձա, ավտոբուսը լեփ֊լեցուն էր։ Ավտոբուսի տանիքին լցված ճամպրուկների և արկղերի վրա ուղևորներ էին նստած, բոլոր կանայք գործի էին դրել իրենց հովհարները։ Չափազանց շոգ էր։ Անտանելի շոգ էր։ Ռոբերտն իջավ, ազատելով ինձ համար պահած տեղը, ու ես տեղավորվեցի միակ փայտե նստարանին, որ ձգվում էր տանիքի ամբողջ երկայնությամբ։
Ռոբերտ Կոնը կամարաշարի ստվերում կանգնած սպասում էր, մինչև մենք կշարժվենք։ Մի բասկ կիսապառկել էր մեր ոտքերի մոտ, գինու տիկը ձեռքին։ Նա տիկը մեկնեց ինձ ու Բիլլին, ու երբ բարձրացրի տիկը, որ խմեմ, բասկը հանկարծ ավտոմեքենայի շչակը հիշեցնող այնպիսի մի ձայն հանեց, որ գինին թափեցի, ու բոլորը ծիծաղեցին։ Նա ներողություն խնդրեց և պնդեց, որ նորից խմեմ։ Քիչ անց նա նորից նույն ձայնը հանեց, և ես նորից հանկարծակիի եկա։ Նա այդ շատ լավ էր կարողանում անել։ Բասկերը շատ ուրախ էին։ Բիլլի հարևանը խոսեց նրա հետ իսպաներեն, սակայն Բիլլը ոչինչ չհասկացավ, ուստի նրան մեկնեց մեր գինիներից մի շիշ։ Հարևանը հրաժարվեց, ասաց, որ շատ շոգ է, ու չափազանց շատ է խմել նախաճաշին։ Երբ Բիլլը երկրորդ անգամ մեկնեց նրան շիշը, նա մի մեծ կում արեց, հետո շիշը ձեռքից ձեռք անցավ ավտոբուսի մեր նստած մասում։ Ամեն մեկը քաղաքավարի կերպով մի կում էր անում, հետո նրանք ստիպեցին մեզ շիշը փակել և պահել։ Նրանք ուզում էին, որ մենք խմենք իրենց կաշվե տիկերից, և բոլորն իրար առաջ կտրելով մեզ էին մեկնում իրենց տիկերը։ Նրանք բոլորն էլ գյուղացիներ էին, գնում էին լեռներ։
Վերջապես, երբ ազդանաշանը նմանակող բասկը մի երկու անգամ էլ մեզ խաբեց, ավտոբուսը շարժվեց, և Ռոբերտ Կոնը ձեռքով արեց մեզ հրաժեշտ տալով, բոլոր բասկերը ձեռքով արեցին նրան ի պատասխան։ Հենց որ դուրս եկանք քաղաքից, եղանակը ցրտեց։ Հաճելի էր այդպես բարձր նստած անցնել հենց ծառերի տակով։ Ճանապարհի այդ մասում վայրեջք էր, ավտոբուսը բավական արագ էր գնում՝ փոշու ամպ բարձրացնելով, և փոշին նստում էր ծառերին, իսկ տերևների արանքից երևում էր քաղաքը, որ մնացել էր ետևում՝ գետի վրայի զառիվներին։ Ծնկներիս հենված բասկը, որ կիսապառկած էր, տիկի բերանով ցույց տվեց քաղաքն ու աչքով արեց ինձ։ Հետո գլխով ցույց տալով, հարցրեց․
― Գեղեցիկ է, չէ։
― Լավ մարդիկ են այս բասկերը, ― ասաց Բիլլը։
Ոտքերիս հենված բասկի մաշկը արևից թամբի գույն էր ստացել։ Նրա հագին, ինչպես և մյուս բոլոր բասկերի հագին սև վերնաշապիկ էր։ Արևարարված վիզն ակոսված էր կնճիռներով։ Նա շրջվեց և Բիլլին մեկնեց իր գինու տիկը։ Բիլլը նրան մեկնեց մեր շշերից մեկը։ Բասկը ցուցամատը թափ տվեց Բիլլի քթի առաջ և վերադարձրեց նրան շիշը, ձեռքի ափով փակելով շշի բերանը։ Նա ցած դրեց գինու տիկը։
― Arriba! Arriba!<ref>Ավելի բարձր (իսպ․)։</ref> ― ասաց նա։ ― Բարձրացրեք։
Բիլլը տիկը բարձրացրեց և, գլուխը ետ գցելով, բերանը մոտեցրեց գինու շիթին։ Երբ խմելը վերջացրեց ու տիկը ցած դրեց, գինու շիթ էր հոսում նրա կզակից։
― Ոչ, ոչ, ― խոսեցին բասկերը։ ― Այդպես չէ։
Ինչ֊որ մեկը տիկը խլեց տիրոջ ձեռքից, որն ինքն էր պատրաստվում ցույց տալ, թե ինչպես պետք է խմել։ Տիկը խլողը երիտասարդ էր, նա տիկը բռնեց, գլխից վեր բարձրացրեց ու ամուր սեղմեց այնպես, որ գինին ֆշշալով լցվեց բերանը։ Նա տիկն իրենից հեռու էր պահել, գինու շիթը թեք հետագիծ գծելով լցվում էր նրա բերանը, և նա կուլ էր տալիս հանգիստ չափով։
― Հե՜յ, ― ձայն տվեց գինու տերը, ― էդ ո՞ւմ գինին ես խմում։
Տղան նրան ի պատասխան ճկույթը թափահարեց և ժպտաց մեզ աչքերով։ Հետո, տիկի բերանը վեր բարձրացնելով նա միանգամից կանգնեցրեց շիթը և տիկը ցած դրեց ու տվեց տիրոջը։ Նա աչքով արեց մեզ բոլորիս։ Տիկի տերը տխուր թափահարեց տիկը։
Մտանք ինչ֊որ մի գյուղ, կանգ առանք պանդոկի մոտ և վարորդը մի քանի փոստային կապոցներ վերցրեց։ Հետո շարունակեցինք մեր ճամփան։ Գյուղից դուրս գալով ճանապարհն սկսեց դեպի վեր բարձրանալ։ Անցնում էինք ֆերմաների միջով, շուրջը ցանված արտեր էին ու շեշտակի թեքությամբ դեպի այդ արտերն էին իջնում քարքարոտ զառիվայրերը։ Հացահատիկի հասկերը վեր էին սողում այդ զառիվայրերի մեջ։ Հիմա, երբ մենք ավելի վեր էինք բարձրացել, քամին ավելի ուժեղ էր ծփում հասկերը։ Ճանապարհը սպիտակ էր և փոշոտ, անիվների տակից փոշին բարձրանում էր ու մնում կանգնած օդում, մեր ետևում։ Ճանապարհը շարունակ բարձրանում էր դեպի լեռներ, և ծաղկած դաշտերը մնում էին ցածում։ Այժմ միայն մերթընդմերթ երևում էին մանր֊մանր արտեր գետի երկու կողմերում բարձրացող սարերի լերկ լանջերին։ Մեքենան կտրուկ քշվեց դեպի ճանապարհի եզրը, որպեսզի ճամփա տա լծված ջորիներին․ վեց ջորի մեկը մեկի ետևից շարժվելով քարշ էին տալիս բարձր, ապրանքով լցված սայլը։ Սայլն ու ջորիները փոշու մեջ կորած էին։ Առաջին սայլից հետո շարժվում էր նորից ջորիներ լծված երկրորդ սայլը։ Դրա մեջ փայտ էր լցված, և երբ մենք անցնում էինք կողքից, սայլապանը կռացավ ու փայտե արգելակող քոթուկները դրեց սայլի անիվների տակ։ Այստեղ տեղանքը բոլորովին լերկ էր, լանջերը քարքարոտ, կավը կոշտացել էր ու ակոսվել անձրևներից։
Ճանապարհի դարձումից հետո հանկարծ մեր առջև բացվեց մի կանաչ հովիտ, որի միջով գետակ էր անցնում։ Գյուղը փռված էր գետի աջ և ձախ կողմերում, խաղողի վազերը գրեթե տների բարձրության էին։
Ավտոբուսը կանգնեց մի կրպակի առաջ և ուղևորներից շատերը իջան, ավտոբուսի տանիքին տեղավորված բեռների մի մասը դուրս քաշեցին բրեզենտի տակից ու ցած իջեցրին։ Ես և Բիլլը նույնպես իջանք և մտանք կրպակ։ Դա մի ցածրառաստաղ, կիսամութ սենյակ էր, առաստաղից կախված էին թամբեր և լծասարքեր, սպիտակ փայտե եղաններ, պարանից ներբանով պարուսինե կոշիկներ, ապխտած խոզի միս և ճարպ, թելին շարված սխտոր, երկար երշիկներ։ Այստեղ զով էր ու կիսամութ, կանգնել էինք երկար փայտե վաճառասեղանի մոտ, որի ետև երկու կին գինի էին վաճառում։ Վաճառասեղանի ետևում գտնվող դարակներին դարսված էին ուտելիքներ և զանազան ապրանքներ։
Խմեցինք մի֊մի բաժակ aguardiente,<ref>Օղի (իսպ․)։</ref> վճարելով քառասուն սենտիմո երկու ըմպանակի համար։ Ես կնոջը տվեցի հիսուն սենտիմո, որ նա իր համար թեյանվեր վերցնի, սակայն նա վերադարձրեց մանրոնը, ենթադրելով, թե գինը չեմ լսել։
Մեզ հետ ճամփորդող բասկերից երկուսը ներս մտան և անպայման ուզեցին մեզ հյուրասիրել։ Նրանք գինի գնեցին, հետո մենք հյուրասիրեցինք նրանց, նրանք թփթփացրին մեր ուսերին և մի անգամ էլ մեզ հյուրասիրեցին։ Հետո մենք նորից մի շիշ գնեցինք և հյուրասիրեցինք նրանց, որից հետո բոլորս միասին դուրս եկանք այրող արևի տակ ու նորից բարձրացանք մեր ավտոբուսի տանիքը։ Հիմա բոլորի համար էլ բավականաչափ տեղ կար, և այն բասկը, որ առաջ պառկած էր երկաթյա տանիքին, տեղավորվել էր իմ և Բիլլի միջև։ Մեզ համար օղի լցնող կինը դուրս եկավ կրպակից, ձեռները գոգնոցով սրբելով, խոսեց ավտոբուսում նստած ինչ֊որ մեկի հետ։ Դուրս եկավ և վարորդը, երկու դատարկ փոստային պայուսակ բռնած, բարձրացավ իր տեղը, ու ձեռքներս թափահարելով և հրաժեշտ տալով բոլորին, մենք շարժվեցինք։
Կանաչ հովիտը իսկույն մնաց ետևում, և մենք նորից լեռներում էինք։ Բիլլը զրուցում էր բասկի հետ, որ գինու տիկ ուներ։ Մեկը նստարանի թիկնակի ետևից թեքվեց դեպի մեզ և հարցրեց անգլերեն․
― Դուք ամերիկացինե՞ր եք։
― Այո։
― Ես այնտեղ ապրել եմ, ― ասաց նա։ ― Քառասուն տարի առաջ։
Խոսողը մի ծերուկ էր, բոլորի նման թխամաշկ։ Ճերմակ խոզանամորուքով։
― Էհ, և ի՞նչ։
― Ի՞նչ ասացիք։
― Ամերիկան ինչպե՞ս էր։
― Օհ, ես Կալիֆորնիայում էի։ Հիանալի էր։
― Հապա ինչո՞ւ այնտեղից մեկնեցիք։
― Ի՞նչ ասացիք։
― Ինչո՞ւ վերադարձաք։
― Օհ, վերադարձա, որպեսզի ամուսնանամ։ Մտադիր էի նորից գնալ, բայց կինս չի սիրում ճամփորդել։ Դուք որտեղի՞ց եք։
― Քանզաս֊Սիթիից։
― Ես այնտեղ եղել եմ, ― ասաց նա։ ― Եղել եմ Չիկագոյում, Սենթ֊Լուիսում, Քանզաս֊Սիթիում, Դենվերում, Լոս֊Անջելոսում, Սոլթ֊Լեյք֊Սիթիում։ ― Նա ջանադրորեն թվարկում էր բոլոր քաղաքները։
― Ամերիկայում շա՞տ եք ապրել։
― Տասնհինգ տարի։ Հետո վերադարձա ու ամուսնացա։
― Խմե՞նք։
― Խմենք, ― ասաց նա։ ― Ա՜յ սա Ամերիկայում չես գտնի, չէ՞։
― Ինչքան ուզես կա, միայն փող ունենաս։
― Իսկ ինչո՞ւ եք եկել այստեղ։
― Եկել ենք Փամփլոնա, ֆիեստան նայելու։
― Ցլամարտ սիրո՞ւմ եք։
― Իհարկե։ Իսկ դո՞ւք։
― Այո, ― ասաց նա։ ― Թերևս սիրում եմ։ ― Հետո, քիչ անց, նորից հարց տվեց․ ― Իսկ հիմա ո՞ւր եք գնում։
― Բուրգետե, ձուկ բռնելու։
― Դե, ― ասաց նա, ― հուսով եմ, որ կհաջողվի ձուկ բռնել։
Նա սեղմեց իմ ու Բիլլի ձեռքերը, հետո նորից մեջքը դարձրեց ինձ։ Մյուս բասկերը նայում էին նրան հարգանքով։ Նա հարմար տեղավորվեց, և երբ գլուխս շրջեցի, որ նայեմ բնությանը, ժպտաց ինձ։
Սակայն ամերիկացիների հետ խոսելու համար թափած ջանքերը, երևում է, հոգնեցրել էին նրան։ Նա այլևս ոչ մի խոսք չասաց։
Ճանապարհը շարունակ դեպի վեր էր բարձրանում։ Տեղանքը մերկ էր, կավահող, այս ու այն կողմ քարեր էին ցցված։ Ճանապարհաեզրին խոտ էր աճում։ Ետ նայելով, տեսնում էինք միայն ներքևում սփռված հովիտը։ Հեռվում, սարալանջերում երևում էին դաշտերի կանաչ, և շագանակագույն քառակուսիները։ Հորիզոնը փակում էին լեռները՝ գորշ, տարօրինակ ուրվագծերով։ Մեր բարձրանալուն հետ, շրջապատի պատկերը փոխվում էր։ Ավտոբուսը, դանդաղ վեր էր սողում զառիվեր ճանապարհով, և հարավում երևում էին նոր լեռներ։ Հետո ճանապարհը սկսեց ցած իջնել, հավասարվեց և մտավ անտառ։ Դա խցանի կաղնու անտառ էր, և արևի ճառագայթները խրձերով ներս էին թափանցում տերևների արանքից, իսկ անտառի խորքում, ծառերի տակ արածում էին անասուններ։ Հետո դուրս եկանք անտառից, ճանապարհը նորից սկսեց բարձրանալ, և մեր առջև բացվեց ալիքաձև կանաչ հարթավայր, որի ետևում վեր էին խոյանում մութ լեռները։ Դրանք նման չէին շագանակագույն, արևից կիզված այն լեռներին, որ մնացին ետևում։ Դրանք ծածկված էին անտառով, որի գլխին իջնում էին ամպերը։ Ցանկապատներով կտրատված կանաչ հովիտը տարածվում էր հեռու, և այն հարավից դեպի հյուսիս կտրող ճանապարհը սպիտակին էր տալիս հովիտը երկու կողմից եզերող ծառերի մեջ։ Երբ հասանք բարձրունքի գագաթին, մեր առջև բացվեցին Բուրգետեի կարմիր տանիքներով սպիտակ տները, որ շարվել էին հարթավայրում, իսկ նրանց ետևում, ամենամթին լեռան բարձունքին փայլեց Ռոնսեվալի վանքի գորշ թիթեղյա տանիքը։
― Ահա Ռոնսեվալը, ― ասացի ես։
― Ո՞ւր է։
― Նայիր, այնտեղ, որտեղից սկսվում են լեռները։
― Այստեղ ցուրտ է, ― ասաց Բիլլը։
― Այո, այստեղ շատ բարձր է, ― ասացի։ ― Հավանաբար մի հազար երկու հարյուր մետր կլինի։
― Սարսափելի ցուրտ է, ― ասաց Բիլլը։
Ավտոբուսը իջավ դեպի ուղիղ ու հարթ ճանապարհը, որ տանում էր Բուրգետե։ Մենք անցանք խաչմերուկը և հետո գետի վրայի կամուրջը։ Բուրգետեի տները շարված էին ճանապարհի երկու կողմերում։ Նրբանցքներ չկային։ Ավտոբուսն անցավ եկեղեցու մոտով և կանգ առավ։ Իջանք ավտոբուսից, վարորդը տվեց մեզ մեր ճամպրուկները և կարթերը։ Մեզ մոտեցավ մի կարաբիներ եռանկյունի գլխարկով, դեղին փոկերը խաչաձև կապած։
― Ի՞նչ է այստեղ։
Նա ցույց տվեց կարթերը, որ պարկի մեջ էին։ Ես պարկը բացեցի և ցույց տվեցի։ Նա պահանջեց ներկայացնել ձուկ որսալու մեր թույլտվությունը, որը ես ներկայացրի։ Կարաբիները նայեց ամսաթվին ու ձեռքով նշան արեց շարժվելու։
― Ամեն ինչ կարգի՞ն է, ― հարցրի ես։
― Այո։ Իհարկե։
Դեպի հյուրանոց քայլեցինք սպիտակեցրած տների մոտով, որոնց շեմքերին մարդիկ ուղղակի ընտանիքներով նստոտած նայում էին մեզ։
Հյուրանոցի տիրուհին, մի գեր կին, մեզ ընդառաջ դուրս եկավ խոհանոցից և ձեռքով բարևեց։ Հանեց ակնոցը, սրբեց և նորից դրեց։ Հյուրանոցում շատ ցուրտ էր և դրսում էլ սկսում էր քամի բարձրանալ։ Կինը սպասուհուն մեզ հետ վերև ուղարկեց, որ ցույց տա մեր սենյակը։ Սենյակում դրված էին երկու մահճակալ, պահարան, լվացարան և մեծ շրջանակի մեջ մի փորագրանկար Nuestra Senora de Roncesvalles,<ref>Ռոնսեվալի աստվածամայր (իսպ․)։</ref>
Պատուհանի փակողափեղկերը դռդռում էին քամուց։ Սենյակը հյուրանոցի հյուսիսային կողմում էր։ Մենք լվացվեցինք, հագանք սվիտերներ և իջանք ճաշասենյակ Սա քարե հատակով ցածրառաստաղ մի սենյակ էր, որի պատերը կաղնեփայտով երեսպատված։ Փակոցափեղկերն արդեն ծածկել էին, սակայն սենյակում այնքան ցուրտ էր, որ մեր բերաններից գոլորշի էր բարձրանում։
― Տե՜ր աստված, ― ասաց Բիլլը, ― մի՞թե վաղն էլ այսպես ցուրտ կլինի։ Այս եղանակին ես գետ մտնողը չեմ։
Սենյակի հեռավոր անկյունում, փայտե սեղանների ետև դաշնամուր էր դրված, Բիլլը մոտեցավ և սկսեց նվագել։
― Նվագում եմ, որ տաքանամ, ― ասաց նա։
Դուրս եկա, որ գտնեմ հյուրանոցատիրուհուն ու հարցնեմ նրան, թե ինչքան պետք է վճարենք սենյակի և ուտելու համար։ Նա ձեռքերը ծալեց գոգնոցի տակ և ասաց, առանց ինձ նայելու։
― Տասներկու պեսետ։
― Ի՞նչ եք ասում, մենք Փարիզում ենք այդքան վճարել։
Նա ոչինչ չասաց, միայն հանեց ակնոցն ու սրբեց գոգնոցի ծայրով։
― Դա շատ թանկ է, ― ասացի ես։ ― Մենք նույնիսկ մեծ հյուրանոցում դրանից ավել չենք վճարել։
― Մենք լողարան ենք սարքել։
― Իսկ ավելի էժան սենյակներ չունե՞ք։
― Ամռանը չունենք։ Հիմա ամենալավ ժամանակն է։
Հյուրանոցում մեզնից բացի ոչ ոք չկար։ Ոչինչ, մտածեսցի ես, ընդամենը մի քանի օր ենք մնալու։
― Գինու փողը մտնո՞ւմ է դրա մեջ։
― Անշուշտ։
― Լավ, ― ասացի։ ― Համաձայն եմ։
Վերադարձա Բիլլի մոտ։ Նա բերանից գոլորշի արձակեց, որպեսզի ցույց տա, թե որքան ցուրտ է, և շարունակեց նվագել։ Նստեցի սեղաններից մեկի մոտ ու սկսեցի նայել պատից կախված նկարներին։ Մեկի վրա ճագարներ էին, մեռած, մյուսի վրա նույնպես մեռած փասիաններ, երրորդի վրա բադեր էին, մեռած։ Բոլոր նկարները մթնած էին, ասես ծխահարված։ Բուֆետի վրա շարված էին խմիչքների շշեր։ Մեկ առ մեկ նայեցի դրանք։ Բիլլը դեռ նվագում էր։
― Ի՞նչ կարծիքի ես, տաք ռոմով պունշ չխմե՞նք, ― հարցրեց նա։ ― Միայն նվագելով շատ չես տաքանա։
Դուրս եկա և բացատրեցի հյուրանոցատիրուհուն, թե ինչ բան է ռոմով պունշը և ինչպես պետք է այն պատրաստել։ Քիչ անց սպասուհին սենյակ բերեց քարե մի սափոր, որից գոլորշի էր բարձրանում։ Բիլլը դաշնամուրից հեռացավ և սկսեց խմել տաք պունշն ու ականջ դնել քամու գվվոցին։
― Ռոմը պակաս է։
Մոտեցա բուֆետին, վերցրի ռոմի մի շիշ և կես բաժակ լցրի սափորի մեջ։
― Ինքնակամ, ― ասաց Բիլլը։ ― Ի խախտումն օրենսդրության։
Ներս մտավ սպասուհին և սկսեց ընթրիքի սեղան գցել։
― Այստեղ սոսկալի փչում է, ― ասաց Բիլլը։
Աղջիկը բերեց մի մեծ աման բանջարեղենով սուպ և գինի։ Որպես երկրորդ տվեցին տապակած իշխան, հետո շոգեխաշած միս և մի մեծ ամանով վայրի մորի։ Գինին չէինք խնայում, և սպասուհին մի քիչ շփոթված, բայց պատրաստակամ բերում էր։ Ծեր հյուրանոցատիրուհին մի անգամ ներս մտավ ճաշասենյակ և հաշվեց դատարկ շշերը։
Ընթրիքից հետո բարձրացանք մեր սենյակ և ծխում ու կարդում էինք անկողնում պառկած, որպեսզի տաքանանք։ Գիշերը արթնացա ու լսեցի քամու ոռնոցը։ Հաճելի էր տաք անկողնում պառկել։
==Գլուխ տասներկուերորդ==
Առավոտյան, հենց արթնացա, մոտեցա պատուհանին և դուրս նայեցի։ Երկինքը պարզել էր, լեռներին ամպեր չկային։ Պատուհանի տակ կանգնած էին մի քանի սայլ ու հին, վատ եղանակներից հալից ընկած փայտե տանիքով հանրակառք։ Սա երևի այստեղ կանգնած էր դեռ այն ժամանակներից, երբ ավտոբուսներ չկային։ Արու այծը թռավ սայլերից մեկի վրա, հետո հանրակառքի տանիքին և այնտեղից գլուխն էր թափահարում ներքևում կանգնած էգ այծերի վրա, իսկ երբ ես ձեռքս թափ տալով վախեցրի նրան, անմիջապես ցած թռավ։
Բիլլը դեռ քնած էր, զգույշ հագնվեցի, կոշիկներս հագա միջանցքում և ցած իջա։ Ներքևում խաղաղություն էր, բացեցի դռան փականքը և դուրս եկա։ Զով առավոտ էր, արևը դեռ չէր հասցրել չորացնել քամու խաղաղվելուց հետո նստած ցողը։ Հյուրանոցի ետևի ցախատանը մի բրիչ գտա և գնացի գետափ, որպեսզի փորեմ և որդեր գտնեմ խայծի համար։ Գետակը վճիտ էր, սակայն ոչ խոր, հազիվ թե այնտեղ իշխան լիներ։ Բրիչը խրեցի խոնավ հողի մեջ և գունդ հող շուռ տվեցի։ Դրա տակ որդեր կային, սակայն հենց հողը շուռ տվեցի, անմիջապես փախան։ Սկսեցի զգույշ փորել և բավական որդ հավաքեցի։ Հենց ջրի մոտ թաց հողը փորելով այնքան որդ հավաքեցի, որ լցրեցի ծխախոտի երկու տուփ և վրան էլ հող ցանեցի։ Այծերը նայում էին, թե ինչպես եմ փորում։
Երբ վերադարձա հյուրանոց, հյուրանոցատիրուհին խոհանոցում էր, ասացի նրան, որ մեզ սուրճ տա և նախաճաշ պատրաստի հետներս տանելու համար։ Բիլլն արթնացել էր և նստած էր անկողնու վրա։
― Տեսա քեզ պատուհանից, ― ասաց նա։ ― Բայց չէի ուզում խանգարել։ Ի՞նչ էիր անում։ Փողե՞րդ էիր հողի մեջ թաղում։
― Շատ ծույլն ես։
― Աշխատում էիր հանուն մեր ընդհանուր բարօրությա՞ն։ Հիանալի է։ Կուզեի, որ ամեն առավոտ շարունակես նույն ոգով։
― Դե, շուտ, ― ասացի։ ― Վեր կաց։
― Ի՞նչ։ Վեր կենա՞մ։ Ես երբեք վեր չեմ կենում։
Մտավ անկողին ու վերմակը քաշեց մինչև կզակը։
― Դե, փորձիր համոզել, որ վեր կենամ։
Լուռ շարունակում էի հավաքել մեր հանդերձանքը ու դնել ճանապարհորդական պայուսակի մեջ։
― Հը, չե՞ս ուզում փորձել, ― հարցրեց Բիլլը։
― Գնում եմ ցած նախաճաշելու։
― Նախաճաշելո՞ւ։ Բա ինչո՞ւ չէիր ասում, որ գնում ես նախաճաշելու։ Կարծում էի հենց այնպես, կատակ ես անում, որ վեր կենամ։ Նախաճաշելո՞ւ։ Հիանալի է։ Այ դա հասկացա։ Գնա մի քիչ էլ փորփորի, որդ հավաքիր, իսկ ես հիմա կիջնեմ։
― Գրողի ծոցը գնա։
― Աշխատիր հանուն ընդհանուր բարօրության, ― Բիլլը հագավ ներքնազգեստը։ ― Հանդես բեր ծաղր ու գութ։
Պայուսակը, կոթավոր ուռկանն ու կարթերն առած դուրս եկա։
― Լսիր, ետ դարձիր։
Գլուխս դռնից ներս մտցրի։
― Մի՞թե չես ցուցաբերի գոնե փոքր֊ինչ ծաղր ու գութ։
Ես նրան քիթ ցույց տվեցի։
― Դա ծաղր չէ։
Աստիճաններով իջնելիս լսում էի, ինչպես Բիլլը երգում էր․ «Ծաղր և Գութ։ Երբ դու այն զգում ես․․․ Օհ, պարգևիր նրանց Ծաղր, պարգևիր և Գութ։ Երբ դու զգում ես․․․ Մի քիչ ծաղրանք։ Մի քիչ գութ․․․»։ Նա երգում էր այնքան, մինչև որ իջավ ցած։ Երգում էր․ «Եկեղեցու զանգերը ղողանջում են ինձ համար, իմ սիրելիի համար․․․» երգի մեղեդիով։ Ես նստած կարդում էի մի շաբաթվա հնության իսպանական թերթ։
― Ինչ ես դուրս տալիս այդ ծաղրի ու գութի մասին։
― Ի՞նչ։ Մի՞թե դու չգիտես Ծաղրի և Գութի մասին։
― Ոչ։ Ո՞վ է դա հորինել։
― Բոլորը։ Նյու֊Յորքում գժվում են դրա համար, ինչպես ժամանակին Ֆրանտելինիի կրկեսի դերասանների համար։
Ներս մտավ սպասուհին սուրճ և կարագ քսած չորացրած հացը ձեռքին։ Ավելի շուտ կարելի է ասել տապակած հացի վրա կարագ քսած։
― Հարցրու նրան՝ ջեմ ունե՞ն, ― ասաց Բիլլը։ ― Մի քիչ ծաղրական խոսիր հետը։
― Ջե՞մ ունեք։
― Ծաղրական ոչինչ չկար։ Ափսոս, ես իսպաներեն խոսել չգիտեմ։
Սուրճը համեղ էր, խմում էինք մեծ գավաթներով։ Սպասուհին բերեց ապակյա փոքրիկ սկահակի մեջ ազնվամորու ջեմ։
― Շնորհակալություն։
― Էհ, եղա՞վ, ― ասաց Բիլլը։ ― Նրան որևէ հեգնական բան ասա։ Մի որևէ պատմություն Պրիմո֊դե֊Ռիվերայի մասին։
― Պետք է ասեի նրան, որ Ռիֆերի հանրապետությունում նրանց կյանքը նման է հեքիաթի։
― Թույլ է, ― ասաց Բիլլը։ ― Շատ թույլ է։ Դու չես կարողանում։ Պարզապես չես կարողանում։ Դու ծաղրելը չես հասկանում ինչ է։ Դու չգիտես, թե խղճալին ինչ է։ Մի խղճալի բան ասա։
― Ռոբերտ Կոն։
― Ստացվեց։ Սա արդեն ավելի հաջող էր։ Իսկ հիմա ասա, թե ինչո՞ւ Ռոբերտ Կոնը արժանի չէ խղճահարության։ Փորձիր հեգնել։
Նա մի մեծ կում արեց սուրճից։
― Վերջ տուր, ― ասացի։ ― Առավոտ վաղ սրամտությունների ժամանակ չէ։
― Ահա, տեսնո՞ւմ ես։ Ու դեռ ուզում ես գրող դառնալ։ Դու եղած֊չեղած մի լրագրող ես։ Հայրենալքյալ լրագրող։ Առավոտյան անկողնուց վեր կենաս թե չէ, հեգնանքով լի պիտի լինես։ Դու հենց վաղ առավոտից պետք է տառապես խղճահարությունից։
― Շարունակիր, ― ասացի։ ― Ո՞վ է քեզ այդ հիմարություններն ասել։
― Բոլորը։ Դու ինչ է, ոչինչ չե՞ս կարդում։ Ոչ մեկին չե՞ս հանդիպում։ Գիտե՞ս դու ով ես։ Դու հայրենալքյալ ես։ Ինչո՞ւ Նյու֊Յորքում չես ապրում։ Այն ժամանակ դու այդ ամենը կիմանայիր։ Ի՞նչ անեմ ես, որ քեզ օգնեմ։ Գուցե ուզում ես, որ ամեն տարի գամ և բացատրե՞մ քեզ այս բոլորը։
― Մի գավաթ սուրճ խմիր, ― ասացի։
― Սուրճը լավ բան է։ Սուրճը օգտակար է քեզ համար։ Նրա մեջ կոֆեին կա։ Բանը հենց կոֆեինն է։ Կոֆեինից տղամարդը նստում է կնոջ ձիուն, իսկ կինը պառկում է նրա գերեզմանում։ Գիտե՞ս քեզ հետ ինչ է կատարվում։ Դու հայրենալքյալ ես, այն էլ ամենավատ տեսակի։ Իր հայրենիքը լքած ոչ մի մարդ դեռ չի գրել այնպիսի մի բան, որ արժանի լինի տպագրելու, նույնիսկ թերթում տպելու։
Նա խմեց վերջացրեց սուրճը։
― Դու հայրենալքյալ ես։ Կտրվել ես քո հայրենիքի հողից։ Փոխվել է քո գրելաձևը։ Եվրոպական կեղծ արտահայտչաձևերը փչացրել են քեզ։ Հարբեցողությունը քեզ կսպանի։ Խելքդ թռցրել ես կանանց համար։ Քո ամբողջ ժամանակը վատնում ես դատարկախոսությամբ։ Դու հայրենալքյալ ես, հասկացա՞ր։ Թրև ես գալիս սրճարաններում։
― Հիանալի կյանք, ― ասացի ես։ ― Իսկ ե՞րբ եմ աշխատում։
― Դու չես աշխատում։ Ոմանք ասում են, թե կանանց հաշվին ես ապրում, ոմանք էլ թե՝ իմպոտենտ ես։
― Ոչ, ― ասացի ես։ ― Դա պարզապես դժբախտ պատահար է։
― Երբեք այդ մասին չխոսես, ― ասաց Բիլլը։ ― Այդպիսի բաների մասին ավելի լավ է չխոսել։ Դա պետք է թաքցնել որպես գաղտնիք, ինչպես Հենրի Ֆորդի առաջին հեծանիվը։
Մինչ այդ նա խոսում էր վրա տալով, սակայն հիմա հանկարծ լռեց։ Կարծում եմ, որ նա հանկարծ մտածեց, որ ցավ է պատճառել ինձ ինպոտենտությունս հիշեցնելով։ Ուզում էի, որ նա շարունակի խոսել։
― Ոչ մի հեծանիվ չի եղել, ― ասացի։ ― Նա ձի էր քշում։
― Ես լսել եմ, որ եռանիվ հեծանիվ է եղել։
― Ինչ կա որ, ― ասացի։ ― Ինքնաթիռն էլ եռանիվ հածանիվի պես մի բան է։ Ղեկը նույն ձևով են վարում։
― Միայն թե ոտնակ սեղմելու հարկ չկա։
― Այո, ― ասացի։ ― Ոտնակ թերևս պետք չէ սեղմել։
― Լավ, վերջ տանք, ― ասաց Բիլլը։
― Ինչպես կուզես։ Ես լոկ եռանիվ հեծանիվն էի պաշտպանում։
― Եվ լավ էլ գրում էր Հենրին, ― ասաց Բիլլը։ ― Ու դու ինքդ էլ շատ լավն ես։ Քեզ, իհարկե, ասել են, որ դու լավն ես։
― Ես բնավ լավը չեմ։
― Լսիր։ Դու շատ լավն ես, և ես աշխարհում ոչ մեկին չեմ սիրում քեզանից ավելի։ Նյու֊Յորքում ես դա չէի կարող ասել քեզ։ Այնտեղ կմտածեն, թե ես հոմոսեքսուալիստ եմ։ Այդ պատճառով քաղաքացիական պատերազմ է սկսվել։ Աբրահամ Լինքոլնը հոմոսեքսուալիստ էր։ Նա սիրահարված էր գեներալ Գրանտին։ Գրանտին էր սիրահարված նաև Ջեֆերսոն Դևիսը։ Լինքոլնը ստրուկներին ազատ արձակեց պարզապես գրազի համար։ Դրեդ Ստոքի դեմ դատական գործը սարքված էր ոգելից խմիչքներն արգելող լիգայի կողմից։ Եվ այդ բոլորը կապված են սեռական հարցերի հետ։ Գնդապետի լեդին և Ջուդի Օ' Գրենդին երկուսն էլ լեսբիանուհիներ են հոգեպես։
Նա լռեց։
― Ուզո՞ւմ ես էլի ասեմ։
― Ասա, ― ասացի։
― Էլ ոչինչ չգիտեմ։ Մնացածն էլ ճաշի ժամանակ կասեմ։
― Ծերուկ Բիլլ, ― ասացի ես։
― Դատարկապորտի մեկը։
Նախաճաշն ու երկու շիշ գինին դրեցինք ուսապայուսակի մեջ, և Բիլլն այն գցեց ուսին։ Ես էլ ուսիս գցեցի պարկի մեջ դրված կարթերն ու կոթավոր որսացանցը։ Քայլեցինք ճամփով, հետո կտրեցինք անցանք դաշտն ու մարգագետինների միջով մի արահետ գտանք, որ տանում էր դեպի մոտակա լեռան անտառածածկ լանջը։ Քայլեցինք այդ ավազոտ արահետով։ Մարգագետինները ծածկված էին խիտ աճած խոտով, սակայն խոտը բարձր չէր, որովհետև այդտեղ ոչխարներ էին արածում։ Կովերն արածում էին ավելի վերև, լեռներում։ Անտառից լսվում էր նրանց վզերին կապած զանգակների ձայնը։
Արահետը տարավ մեզ դեպի գետի վրա գցված գերանը։ Գերանը տաշած էր և ցած ճկած մի մատղաշ ծառ բազրիքի դեր էր կատարում։ Գետակի մոտ, ծանծաղ փոքրիկ լճակի ավազոտ հատակին սևին էին տալիս շերեփուկները։ Բարձրացանք զառիվեր ափն ու նորից քայլեցինք ալիք֊ալիք տվող մարգագետիններով։ Ետ նայելով, տեսանք Բուրգետեի սպիտակ տներն ու կարմիր տանիքները, տեսանք սպիտակ ճանապարհը, որի վրայով բեռնատար մեքենա էր գնում՝ օդի ամպ բարձրացնելով։
Մարգագետինները վերջացան, և մենք հայտնվեցինք մյուս, ավելի արագահոս գետակի ափին։ Ավազոտ ճանապարհը իջնում էր դեպի անցահունը և հետո նորից բարձրանում դեպի անտառ։ Արահետը մեզ հասցրեց մինչև նոր գերան, որ գցված էր գետի վրա անցահունից ցած, իսկ հետո արդեն այն միացավ ճանապարհին, և մենք մտանք անտառ։
Դա հաճարենու անտառ էր, շատ հին անտառ։ Ծառերի արմատները գետնի երես էին դուրս եկել, ճյուղերը ծուռումուռ էին ու կոշտոտ։ Քայլում էինք հին հաճարենիների հաստ բների մեջ ընկած ճամփով ու տերևների արանքից թափանցող լույսը բիծ֊բիծ ընկնում էր խոտի վրա։ Չնայած բարձր ծառերին և խիտ տերևներին, անտառը մութ չէր։ Անտառամերձ թփուտներ չկային միայն փափուկ, կանաչ ու թարմ խոտ էր ու մեկ էլ բարձր, մոխրագույն ծառեր, որ աճել էին համաչափ, բոլորից հեռու, ասես զբոսայգում։
― Ա՜յ սա բնություն է, ― ասաց Բիլլը։
Ճանապարհը բլրալանջով դեպի վեր էր տանում, մենք մտանք թավ անտառ, իսկ ճանապարհը շարունակվում էր նորից ու նորից դեպի վեր։ Երբեմն այն կտրուկ ցած էր իջնում, ապա նորից սկսում էր բարձրանալ։ Շարունակ լսում էինք նախիրի զանգերի ձայները։ Վերջապես հասանք սարի գագաթը։ Կանգնած էինք անտառածածկ սարերից ամենաբարձրի կատարին, այն սարերի, որ տեսնում էինք Բուրգետեից։ Ծառերի արանքում ընկած բացատների արևոտ կողմում վայրի ելակ էր աճում։
Հետո ճանապարհը դուրս եկավ անտառից և շարունակվում էր գագաթի շուրջ։ Առջևում այլևս անտառապատ սարեր չկային, սկսվում էին որոճի դեղին դաշտեր։ Հեռվում երևացող մթին ծառերով ծածկված զառիթափ ափն ու գորշ գլաքարերը ցույց էին տալիս Իրատի գետի հունը։
― Մենք պետք է այս ճանապարհով անցնենք սարի կատարի երկայնքով, կտրենք այս սարերը, անտառի միջով անցնենք հեռվում գտնվող այն սարերն ու հետո իջնենք Իրատիի հովիտը, ― ցույց տվեցի ես Բիլլին։
― Ա՜յ թե զբոսանք է։
― Դա շատ հեռու է, որպեսզի մարդ կարողանա հանգիստ տեղ հասնել, ձուկ որսալ և նույն օրն էլ վերադառնալ։
― Ո՛նց չէ, հանգիստ։ Շատ մեղմ է ասված։ Մենք ստիպված պետք է լինենք վազելով այնտեղ հասնել և վազելով էլ վերադառնալ, որպեսզի կարողանանք մի քիչ ձուկ բռնել։
Երկար ճանապարհ էր, բնությունը գեղեցիկ, բայց մենք շատ էինք հոգնել, երբ վերջապես իջանք զառիվար ճանապարհով, որը անտառածածկ սարերից տանում էր մեզ դեպի Ռիո֊դե֊լա Ֆաբրիկա հովիտը։
Ճանապարհը անտառի ստվերից դուրս եկավ շոգ արևի տակ։ Առջևում գետահովիտն էր։ Գետից այն կողմ զառիվեր մի սարալանջ էր բարձրանում, որի վրա աճում էր հնդկացորեն, մի քանի ծառեր կային, իսկ ծառերի տակ տեսանք սպիտակ մի տնակ։ Շատ շոգ էր, կանգնեցինք սարերի ստվերում, գետը կիսող ամբարտակի մոտ։
Բիլլը պարկը հենեց մի ծառի, մենք հանեցինք կարթաձողերը, ամրացրինք կարթաթելերը, կապեցինք կարթը և պատրաստվեցինք ձուկ բռնելու։
― Դու համոզվա՞ծ ես, որ այս լճափոսում իշխան կա։
― Լեփ֊լեցուն է։
― Ես ճանճով եմ բռնելու։ Դու Մաքգինթիի ճանճերից ունե՞ս։
― Ահա այստեղ կան։
― Իսկ դու որդո՞վ ես բռնելու։
― Այո։ Ես կլինեմ այստեղ, ամբարտակի մոտ։
― Այն դեպքում ես ճանճերը կվերցնեմ հետս։ ― Նա մի ճանճ ամրացրեց կարթին։ ― Ո՞ւր գնամ, որ ավելի լավ լինի, վերև՞, թե ներքև։
― Ավելի լավ է ներքև։ Թեև վերևում էլ շատ կան։
Բիլլը ափի երկայնությամբ ցած քայլեց։
― Որդերի տուփն էլ վերցրու։
― Ոչ։ Չեմ ուզում։ Եթե ճանճով չբռնվեն, հենց այնպես մի քիչ կարթս կքաշքշեմ ու կգամ։
Բիլլը ափին կանգնած նայում էր գետին։
― Լսիր, ― ձայն տվեց նա ամբարտակի աղմուկի միջից։ ― Մեր գինին չդնե՞նք ճամփի վրայի առվի մեջ։
― Ճիշտ է, ― բղավեցի ես։
Բիլլն ինձ ձեռքով արեց և իջավ գետի հոսանքն ի վար։ Հանեցի պայուսակից երկու շիշն էլ ու տարա ճանապարհի մոտ, որտեղ երկաթյա խողովակից աղբյուր էր հոսում։ Խողովակից քիչ ցած տախտակ էր դրված, ես այն բարձրացրի և, շշերի խցաններն ավելի ամրացնելով, շշերը դրեցի այդ տախտակի տակ։ Ջուրն այնքան սառն էր, որ մատներս ու դաստակս անմիջապես անզգայացան։ Տախտակը նորից դրեցի տեղն ու գնացի, հուսալով, որ ոչ ոք չի գտնի գինին։
Վերցրի ծառին հենած իմ կարթը, որդերով տուփը, կոթավոր ուռկանն ու քայլեցի դեպի ամբարտակը։ Այն սարքել էին, որպեսզի գետը պիտանի դարձնեն փայտ լուղարկելու համար։ Ջրարգելակը բարձրացված էր, և ես տաշած գերաններից մեկի վրա նստած նայում էի, թե ինչպես պատվարի առջև խաղաղ գետը կատաղի գահավիժում էր դեպի ջրահոսանքը։ Ամբարտակի տակ, այնտեղ, ուր ջուրը փրփրում էր, շատ խոր տեղ էր։ Մինչ ես ամրացնում էի խայծը, սպիտակ փրփուրից դեպի ջրահոսանքը դուրս թռավ մի իշխան ու ջուրն այն ցած քշեց։ Դեռ չէի հասցրել խայծն ամրացնել, երբ նորից մի իշխան, նույնպիսի գեղեցիկ աղեղ գծելով, անհայտացավ գահավիժող ջրի որոտալից հեղեղի մեջ։ Ես մի մեծ սուզագնդիկ ամրացրի և կարթաթելը նետեցի հենց ամբարտակի մոտ, փրփրալից ջրի մեջ։
Չէի զգացել, թե ինչպես էր առաջին իշխանն ընկել։ Երբ սկսեցի դուրս քաշել կարթաթելը, նոր միայն զգացի, որ ձուկը խփում է ու ջրէջքի մոտ հանեցի այն փրփրացող ջրից։ Ձուկը թպրտում էր այնքան ուժով, որ կարթը ծռում էր, գրեթե երկտակ անելով, և ես այն հեռացրի ջրից, անցկացրեցի ամբարտակի վրայով ու հանեցի։ Բավական խոշոր իշխան էր, ձկան գլուխը խփեցի գետնին, և երբ այն թպրտաց ու անշարժացավ, գցեցի պարկիս մեջ։
Մինչ հանում էի որսս, մի քանի իշխան էլ ընկան ջրասահանքը։ Հենց խայծն ամրացրի ու կարթս գցեցի, մի իշխան էլ անմիջապես բռնվեց, ու դա էլ հանեցի, ինչպես առաջինը։ Շատ կարճ ժամանակում բռնեցի վեց ձուկ։ Բոլորն էլ գրեթե միևնույն մեծության։ Շարեցի կողք֊կողքի, գլուխներն իրար կողք ու նայում էի որսիս։ Ձկները գեղեցիկ գույների էին, պիրկ և ամուր սառը ջրից։ Շոգ էր, դրա համար էլ փորները պատռեցի և հանեցի փորոտիքն ու խռիկները, այդ բոլորը նետեցի մյուս ափ։ Ապա ձկները տարա ջրի մոտ, լավ լվացի ամբարտակի մոտի սառը ջրով, ձարխոտ պոկեցի ու իշխանները դրեցի պարկս․ մի շերտ ձարխոտ, հետո վրան երեք ձուկ, նորից մի շերտ ձարխոտ և վրան երեք ձուկ, ապա վրայից նորից ծածկեցի ձարխոտով։ Այդպես խոտով ծածկված իշխանները շատ գեղեցիկ էին։ Վերցրի տռզած պարկս ու դրեցի ծառերի ստվերում։
Ամբարտակի մոտ շատ շոգ էր, ուստի որդերով տուփը դրեցի ստվերում, պարկի մոտ, հանեցի գիրքս ու նստեցի ծառի տակ, սպասելով, մինչև Բիլլը գա, որ նախաճաշենք։
Արդեն կեսօրից քիչ անց էր, և ստվերը քիչ էր, բայց ես նստել էի իրար միացած երկու ծառերի բնի մոտ ու կարդում էի։ Կարդում էի Ա․ Է․ Մեզոնի գործերից մեկը, մի հրաշալի պատմվածք այն մասին, թե ինչպես մի մարդ սառել էր Ալպերում, ընկել էր սառցադաշտ ու անհետացել, և ինչպես նրա հարսնացուն վճռել էր սպասել ուղիղ քսանչորս տարի, մինչև որ նրա մարմինը երևա քարակարկառների մեջ, և ինչպես սպասում էր նաև աղջկա սիրածը, ու նրանք բոլորը այդպես դեռ սպասում էին, երբ եկավ Բիլլը։
― Հը՞, քանի՞ ձուկ ես բռնել, ― հարցրեց։
Նա կարթաձողը, կոթավոր ուռկանն ու իշխանով պարկը բռնել էր մի ձեռքին և քրտինքի մեջ կորած էր։ Ամբարտակի աղմուկից չէի լսել նրա մոտենալը։
― Վեց հատ։ Իսկ դո՞ւ։
Բիլլը նստեց, բացեց պարկը ու մի մեծ իշխան դրեց խոտին։ Նա հանեց ևս երեք հատ՝ մեկը մեկից մեծ, ու շարեց իրար կողքի, ծառի ստվերում։ Նրա դեմքը քրտնած էր, բայց շատ երջանիկ արտահայտություն ուներ։
― Իսկ քո՞ ձկներն ինչպիսին են։
― Ավելի մանր։
― Դե ցույց տուր։
― Արդեն դրել եմ պարկի մեջ։
― Բայց, համենայն դեպս, ասա ինչպիսի՞ն են։
― Բոլորն էլ քո ամենափոքր ձկան չափ են։
― Չե՞ս փչում։
― Ոչ, շատ կուզեի, որ այդպես լիներ։
― Ու բոլորը որդո՞վ էիր բռնում։
― Այո։
― Ծույլի մեկը։
Բիլլը ձկները դրեց պարկը ու քայլեց դեպի գետը, բաց պարկը թափահարելով։ Նրա շալվարը մինչև գոտկատեղ թաց էր, որ կնշանակի, թե ջրի մեջ կանգնած է ձուկ բռնել։ Ես բարձրացա դեպի ճանապարհն ու հանեցի մեր գինին։ Շշերը շատ սառն էին։ Մինչ վերադառնում էի մեր տեղը՝ ծառերի տակ, շշերը ծածկվեցին խոնավության կաթիլներով։ Նախաճաշը դարսեցի թերթերի վրա, բացեցի շիշը, իսկ մյուսը հենեցի ծառին։ Բիլլը մոտեցավ՝ ձեռները սրբելով, պարկը ձարխոտով լցրած։
― Եկ մի փորձենք, տեսնենք սա ինչ գինի է, ― ասաց նա։ Հանեց խցանը, շիշը բարձրացրեց ու մի կում արեց։ ― Օհո։ Մարդու աչք է մռմռացնում։
― Տուր փորձեմ։
Գինին սառցի նման սառն էր, քիչ դառնավուն։
― Այնքան էլ վատը չէ, ― ասաց Բիլլը։
― Սառն է, դրա համար է խմվում, ― ասացի։
Բացեցինք ուտելիքի փաթեթները։
― Ճուտ է։
― Ահա և պինդ եփած ձվեր։
― Աղ կա՞։
― Նախ ձուն ուտենք, ― ասաց Բիլլը, ― հետո հավը։ Դա նույնիսկ Բրայանն էր հասկանում։
― Նա մահացել է։ Երեկ կարդացի թերթում։
― Վա՛հ, իսկապե՞ս։
― Այո։ Բրայանը մահացել է։
Բիլլը մի կողմ դրեց կիսով չափ կճպած ձուն․
― Պարոնայք, ― ասաց նա՝ բացելով թերթի մի ծայրը ու կտրելով հավի բուդը։ ― Ես խախտում եմ կարգը։ Հանուն Բրայանի։ Ի պատիվ Մեծ Քաղաքացու։ Նախ հավը կուտեմ, հետո ձուն։
― Հետաքրքիր է, աստված ո՞ր օրն է ստեղծել հավը։
― Օհ, ― ասաց Բիլլը՝ հավի բուդը վայելելով, ― ի՞նչ իմանանք։ Հարցեր պետք չեն։ Մեր կյանքն այնքան էլ երկար չէ այս աշխարհում։ Արդ վայելենք այն, հավատանք և երախտապարտ լինենք։
― Ձու կեր։
Բիլլը հավի բուդը մի ձեռքին, գինու շիշը մյուս ձեռքում բռնած ոգևորված շարժումներ էր անում։
― Վայելենք այս օրհնյալ պարգևները։ Վայելենք երկնային հավքերին։ Վայելենք խաղողի վազերի պտուղները։ Եղբայր իմ, կուզե՞ս մի քիչ վայելել։
― Քեզնից հետո միայն, եղբայր իմ։
Բիլլը մի մեծ կում արեց։
― Վայելիր, եղբայր իմ։ ― Նա շիշը մեկնեց ինձ։ ― Եվ դեն նետենք կասկածները։ Եվ պետք չէ մեր կապկանման ձեռներով փորփրել հավաբնի սուրբ գաղտնիքները։ Արի այդ հրաշքն ընդունենք ու հավատանք ու բացականչենք ի սրտե, ― խնդրում եմ, եղբայր իմ, ձայնդ միացրու իմ ձայնին, ― ի՞նչ ենք մենք բացականչելու, եղբայր իմ, ― նա հավի բուդով բոթեց ինձ և շարունակեց․ ― Ես քեզ կասեմ։ Մենք կբացականչենք․ անձամբ ես հպարտանում եմ դրանով և ուզում եմ, որ դու էլ, եղբայր իմ, ծնկի գալով ինձ հետ միասին բացականչես։ Եվ ոչ ոք թող չամաչի ծնկի գալ այս մեծ բնության մեջ։ Հիշիր, որ անտառներն են եղել աստծո առաջին տաճարները։ Արդ, ծնկի գանք և բացականչենք․ չուտեք այս հավը տիկին, քանզի այն է Մենկեն։
― Վերցրու, ― ասացի ես, ― մի քիչ սրանից վայելիր։
Բացեցինք գինու մյուս շիշը։
― Ի՞նչ է, ― հարցրի ես։ ― Դու Բրայանին չեի՞ր սիրում։
― Սիրում էի նրան, ― ասաց Բիլլը։ ― Մենք հարազատ եղբայրների նման էինք։
― Որտե՞ղ էիր նրա հետ ծանոթացել։
― Նա, Մենկենը և ես սովորել ենք Սուրբ Խաչի դպրոցում։
― Ինչպես և բռնցքամարտիկ Ֆրենկի Ֆրիչը, ― ասացի ես։
― Ճիշտ չէ։ Ֆրենկի Ֆրիչը սովորել է Ֆուրդհեմի համալսարանում։
― Լավ, ― ասացի։ ― Ես էլ սովորել եմ Լոյոլայի դպրոցում եպիսկոպոս Մեննինգի հետ։
― Ճիշտ չէ, ― ասաց Բիլլը։ ― Ես եմ սովորել Լոյոլայի դպրոցում եպիսկոպոս Մեննինգի հետ։
― Դու հարբած ես, ― ասացի ես։
― Գինո՞ւց։
― Իսկ ինչու՝ ոչ։
― Դա խոնավությունից է, ― ասաց Բիլլը։ ― Պետք է ազատվել այս անիծյալ խոնավությունից։
― Մի հատ էլ խմե՞նք։
― Մեր ունեցածը հենց ս՞ա է։
― Այո, երկու շիշ։
― Գիտես դու ո՞վ ես, ― Բիլլը քնքշանքով նայում էր շշին։
― Ոչ, ― ասացի։
― Դու չխմողների լիգայի գործակալն ես։
― Ես Աստվածամոր դպրոցում սովորել եմ Ուեն Բ․ Ուիլերի, Լիգայի պարագլխի հետ։
― Ճիշտ չէ, ― ասաց Բիլլը։ ― Ես եմ Օստինի Առևտրական ուսումնարանում սովորել Ուեն Բ․ Ուիլերի հետ։ Նա մեր ավագն էր։
― Լավ, ― ասացի, ― կորչեն պանդոկները։
― Իրավացի ես, թանկագին իմ համադասարանցի, ― ասաց Բիլլը։ ― Կորչեն պանդոկները, ու թող ես էլ կործանվեմ նրանց հետ։
― Դու հարբած ես։
― Գինո՞ւց։
― Այո, գինուց։
― Կարող է պատահել։
― Կուզե՞ս մի քիչ քնենք։
― Ուզում եմ։
Պառկեցինք գլուխներս ստվերի տակ ու ծառերի ճյուղերի միջով վեր էինք նայում։
― Քնա՞ծ ես։
― Ոչ, ― ասաց Բիլլը։ ― Մտածում էի։
Ես աչքերս փակեցի։ Հաճելի էր գետնին պառկել։
― Լսիր, ― ասաց Բիլլը։ ― Քո և Բրեթի մեջ ի՞նչ կա։
― Իսկ ի՞նչ պիտի լինի։
― Դու երբևէ նրան սիրահարված եղե՞լ ես։
― Եղել եմ։
― Եվ դա երկա՞ր է տևել։
― Ընդհատումներ եղել են, բայց ընդհանրապես շատ երկար։
― Գրողը տանի, ― ասա Բիլլը, ― ներիր, սիրելիս։
― Ոչինչ, ― ասացի։ ― Հիմա արդեն ինձ համար միևնույն է։
― Իսկապե՞ս։
― Այո։ Միայն թե կգերադասեի չխոսել այդ մասին։
― Չե՞ս զայրանում, որ հարցրի այդ մասին։
― Ինչո՞ւ պետք է զայրանամ։
― Ես քնում եմ, ― ասաց Բիլլը։ Նա դեմքը ծածկեց թերթով։ ― Լսիր, Ջեյք, ― ասաց նա, ― դու իսկապե՞ս կաթոլիկ ես։
― Ըստ ձևի։
― Իսկ դա ի՞նչ է նշանակում։
― Չգիտեմ։
― Լավ, ես քնում եմ, ― ասաց նա։ ― Շատ չխոսես, թե չէ ինձ կարթնացնես։
Ես նույնպես քնեցի։ Երբ արթնացա, Բիլլը դասավորում էր պայուսակը։ Կեսօրից արդեն բավական անցել էր, և ծառերի ստվերները երկարել էին ու ընկել ամբարտակի վրա։ Գետնին քնելուց հետո չէի կարողանում տեղիցս բարձրանալ։
― Ի՞նչ պատահեց։ Արթնացե՞լ ես, ― ասաց Բիլլը։ ― Ինչո՞ւ չքնեցիր, միանգամից գիշերվա քունն էլ առնեիր։
Ես ճմլկոտացի ու աչքերս տրորեցի։
― Մի հիանալի երազ տեսա, ― ասաց Բիլլը։ ― Ոչինչ չեմ հիշում, բայց հիանալի երազ էր։
― Ես կարծես ոչ մի երազ չտեսա։
― Իսկ պետք է տեսնեիր, ― ասաց Բիլլը։ ― Մեր բոլոր խոշոր բիզնեսմենները երազատեսներ և երազողներ են եղել։ Վերցնենք հենց Ֆորդին, պրեզիդենտ Քուլիջին։ Հիշիր Ռոքֆելլերին, Ջո Դևիդսոնին։
Ես քանդեցի իմ և Բիլլի կարթերը ու դրեցի պարկի մեջ։ Կարթաթելերը դրեցի մեր հանդերձանքի պարկի մեջ։ Բիլլն արդեն դասավորել էր ուսապայուսակը, և մեջը դրեցինք նաև ձկան պարկերից մեկը, իսկ մյուսը ես վերցրի։
― Դեհ, ― ասաց Բիլլը, ― կարծես ամեն ինչ վերցրինք։
― Հապա որդե՞րը։
― Դու էլ քո որդերով։ Դիր այստեղ։
Նա արդեն ուսին էր գցել պայուսակը, ուստի որդերի տուփերը դրեցի պայուսակի դրսի գրպաններից մեկի մեջ։
― Հիմա էլ բան չմնա՞ց։
Նայեցի շուրջս, տեսնելու հո որևէ բան չի՞ մնացել։
― Ոչ։
Քայլեցինք անտառ տանող ճանապարհով։ Բուրգետեն դեռ հեռու էր, և երբ մարգագետիննրով իջանք ու ճանապարհի երկու կողմերում լուսավորված տների միջով քայլեցինք մինչև հյուրանոց, արդեն մութն ընկել էր։
Բուրգետեում մնացինք հինգ օր և մի լավ զբաղվեցինք ձուկ բռնելով։ Գիշերները ցուրտ էին, ցերեկները՝ շոգ, բայց միշտ մի թեթև զով էր փչում նույնիսկ օրվա ամենաշոգ ժամերին։ Այդ շոգին շատ հաճելի էր մտնել գետակի սառը ջրի մեջ, իսկ հետո նստել ափին ու չորանալ արևի տակ։ Մենք մի գետակ գտանք, որի գետախորշն այնքան խորն էր, որ այնտեղ կարելի էր լող տալ։ Երեկոները բրիջ էինք խաղում երեքով՝ Հարրիս ազգանունով մի անգլիացու հետ, որը նույնպես ձկնորսության սիրահար էր և Սեն֊Ժան֊Պյո֊դե֊Պորից ոտքով եկել էր այստեղ ու ապրում էր մեր հյուրանոցում։ Նա շատ հաճելի մարդ էր և երկու անգամ եկել էր մեզ հետ Իրատի գետ։ Ո՛չ Ռոբերտ Կոնից, ո՛չ Բրեթից, ո՛չ էլ Մայքլից լուր չկար։
==Գլուխ տասներեքերորդ==
Երբ այդ օրն առավոտյան իջա ցած նախաճաշի, տեսա մեր անգլիացին՝ Հարրիսը, նստած է արդեն սեղանի մոտ ու ակնոցն աչքերին թերթ էր կարդում։ Նա նայեց, ինձ ու ժպտաց։
― Բարի լույս, ― ասաց։ ― Նամակ ունեք։ Ես փոստ էի գնացել և իմ նամակների հետ ձերն էլ ինձ տվեցին։
Նամակը դրված էր իմ սպասքի մոտ, սուրճի գավաթին հենած։ Հարրիսը շարունակեց իր թերթը կարդալ։ Բացեցի նամակը։ Նամակը ուղարկել էին մեզ Փամփլոնայից, վրան գրված էր՝ Սան֊Սեբաստիան, կիրակի․
«Սիրելի Ջեյք։
Մենք այստեղ հասանք ուրբաթ օրը։ Բրեթը գնացքում շատ էր հոգնել, և ես երեք օրով նրան բերեցի մեր հին ծանոթների մոտ, որ հանգստանա։ Գնում ենք Փամփլոնա, Մոնտրոյի հյուրանոց։ Կգանք երեքշաբթի, սակայն որ ժամին չգիտեմ։ Եթե դժվար չէ, մի երկտող ուղարկեք ավտոբուսով, որպեսզի իմանանք, թե ձեզ որտեղ գտնենք չորեքշաբթի։ Ընդունեք ջերմագին բարևներս և ներեցեք, որ ուշացանք, սակայն Բրեթը իսկապես շատ հոգնած էր, բայց մինչև երեքշաբթի կառողջանա, այսինքն նա հիմա էլ գրեթե առողջ է։ Ես նրան շատ լավ գիտեմ և փորձում եմ խնամել նրան, սակայն դա այնքան էլ հեշտ բան չէ։ Բարևներ բոլորին։
::::::::Մայքլ։»
― Այսօր ի՞նչ օր է, ― հարցրի Հարրիսին։
― Կարծեմ չորեքշաբթի։ Այո, չորեքշաբթի։ Զարմանալի բան է, թե ինչպես այս սարերում կորցնում ես օրերի հաշիվը։
― Այո, արդեն մի շաբաթ է այստեղ ենք։
― Հուսով եմ, դեռ մտադիր չե՞ք մեկնելու։
― Ցավոք, մտադիր ենք։ Թերևս ստիպված լինենք մեկնելու հենց այսօր, ցերեկվա գնացքով։
― Ափսոս։ Հույս ունեի, որ դեռ մի անգամ էլ կգնանք Իրատի։
― Մենք պետք է մեկնենք Փամփլոնա։ Մեր ընկերների հետ պայմանավորվել ենք հանդիպել այնտեղ։
― Իմ բախտը չբերեց։ Այնքա՜ն լավ ժամանակ էինք անցկացնում միասին Բուրգետեում։
― Եկեք մեզ հետ Փամփլոնա։ Բրիջ կխաղանք, հետո այնտեղ հիանալի ֆիեստա է լինելու։
― Հաճույքով կգայի։ Զգացված եմ ձեր հրավերի համար։ Բայց ես ավելի լավ է այստեղ մնամ։ Ինձ շատ քիչ ժամանակ է մնացել ձուկ բռնելու համար։
― Ուզում եք Իրատիի ամենախոշոր իշխաննե՞րը բռնել։
― Այո։ Դուք հո գիտեք, այստեղ երբեմն շատ խոշոր իշխաններ են պատահում։
― Ինքս էլ ևս մի անգամ կգայի ձուկ բռնելու։
― Դե մնացեք, մի օր էլ մնացեք, խնդրում եմ ձեզ։
― Մենք իսկապես պետք է անպայման քաղաք գնանք, ― ասացի։
― Ափսոս։
Նախաճաշից հետո ես ու Բիլլը հյուրանոցի առջև նստարանին նստած տաքանում էինք արևի տակ ու որոշում մեր անելիքը։ Քաղաքի կենտրոնից դեպի հյուրանոց բերող ճանապարհին տեսա մի աղջիկ, որ գալիս էր դեպի մեզ։ Նա մոտեցավ, կողքին կախված պայուսակից հանեց մի հեռագիր։
― Por ustedes?<ref>Ձեզ համա՞ր է։ (իսպ․)։</ref>
Նայեցի հեռագրին։ Հասցեն էր․․․ «Բարնս, Բուրգետե»։
― Այո, մերն է։
Նա հանեց գիրքը, ստորագրեցի ու տվեցի նրան մի քանի մետաղադրամ։ Հեռագիրը իսպաներեն էր․․․ «Vengo jueves Cohn»։
Հեռագիրը մեկնեցի Բիլլին։
― Ի՞նչ է նշանակում «Cohn», ― հարցրեց նա։
― Հիմար հեռագիր է, ― ասացի։ ― Նա կարող էր նույն գնով տասը բառ ուղարկել «Կգամ հինգշաբթի»։ Այնքան էլ հասկանալի չէ։
― Ինչ որ պետք է Կոնին, այստեղ ասված է։
― Միևնույն է, մենք մեկնում ենք, ― ասացի ես։ ― Ոչ մի իմաստ չկա մինչև ֆիեստան Բրեթին և Մայքլին գալ այստեղ և ետ դառնալ։ Ինչ ես կարծում, պատասխանե՞նք նրան։
― Ինչո՞ւ չպատասխանենք, ― ասաց Բիլլը։ ― Պետք է պահպանել քաղաքավարություն։
Գնացինք փոստ և հեռագրի բլանկ վերցրինք։
― Ի՞նչ ենք գրելու, ― հարցրեց Բիլլը։
― «Կգանք երեկոյան»։ Ուրիշ ոչինչ։
Վճարեցինք հեռագրի համար և վերադարձանք հյուրանոց։ Հարրիսը մեզ էր սպասում, և երեքով գնացինք Ռոնսեվալ։ Նայեցինք վանքը։
― Սա հրաշալի է, ― ասաց Հարրիսը, երբ դուրս եկանք վանքից։ ― Բայց գիտե՞ք ինչ, ես այնքան էլ չեմ հետաքրքրվում նման բաներով։
― Ես նույնպես, ― ասաց Բիլլը։
― Թերևս, այնուամենայնիվ, շատ հետաքրքրիր է, ― ասաց Հարրիսը։ ― Ամեն օր պատրաստվում էի գալ և այդպես էլ չէի տեսնի, եթե այսօր չգայի։
― Սակայն միևնույն է սա ձուկ բռնելու հետ չես համեմատի, չէ՞, ― հարցրեց Բիլլը։ Հարրիսը նրան դուր էր գալիս։
― Դե, իհարկե։
Կանգնած էինք վանքի հին մատուռի առաջ։
― Ի՞նչ եք կարծում, ճանապարհի այն կողմում երևացողը պանդոկ չէ՞, ― հարցրեց Հարրիսը։ ― Թե տեսողությունս դավաճանում է ինձ։
― Նման է պանդոկի, ― ասաց Բիլլը։
― Ինձ էլ է թվում, որ պանդոկ է, ― ասացի ես։
― Էհ, ուրեմն, ― ասաց Հարրիսը, ― եկեք օգտվենք դրանից։ ― «Օգտվել» բառը նա փոխ էր առել Բիլլից։
Ամենքս մի֊մի շիշ գինի պատվիրեցինք։ Հարրիսը մեզ թույլ չտվեց վճարել։ Նա իսպաներեն շատ լավ էր խոսում, և հյուրանոցատերը փող չվերցրեց ոչ ինձնից, ոչ էլ Բիլլից։
― Բարեկամներս, դուք չեք պատկերացնում, թե ինձ համար որքան հաճելի էր ձեզ հետ։
― Մենք հիանալի ժամանակ անցկացրինք, Հարրիս։
Հարրիսը մի քիչ հարբած էր։
― Իսկապես, դուք չգիտեք, թե ինձ համար ինչքան լավ էր ձեզ հետ։ Պատերազմի ժամանակից սկսած, ես դեռ այդքան ուրախություն չէի ունեցել։
― Մեզ դեռ կվիճակվի երբևէ միասին ձուկ բռնել։ Հիշեք խոսքերս, Հարրիս։
― Իհարկե։ Մենք չափազանց ուրախ ժամանակ անցկացրինք։
― Մի շիշ էլ խմե՞նք։
― Հիանալի միտք է, ― ասաց Հարրիսը։
― Այս անգամ ես եմ վճարում, ― ասաց Բիլլը։ ― Այլապես մենք չենք խմի։
― Խնդրում եմ, թույլ տվեք ես վճարեմ, ինձ համար մեծ հաճույք է։
― Դա ինձ համար էլ է հաճույք, ― ասաց Բիլլը։
Պանդոկապանը բերեց չորրորդ շիշը։ Մեր բաժակները դեռ սեղանին էին։ Հարրիսը բարձրացրեց իր բաժակը։
― Գիտեք, սրանից կարելի է լավ օգտվել։
Բիլլը թփթփացրեց նրա ուսին։
― Մեր լավ Հարրիս։
― Գիտեք ինչ, իմ անունը Հարրիս չէ, այլ Ուիլսոն֊Հարրիս։ Դա մի ազգանուն է գծիկով, հասկանո՞ւմ եք։
― Մեր սիրելի Ուիլսոն֊Հարրիս, ― ասաց Բիլլը։ ― Մենք ձեզ Հարրիս ենք ասում, որովհետև սիրում ենք ձեզ։
― Գիտեք ինչ, Բարնս, դուք էլ չեք կարող պատկերացնել, թե ինձ համար այս ամենը ինչ է նշանակում։
― Օգտվենք ևս մեկական բաժակ, ― ասացի ես։
― Բարնս, դուք իսկապես չեք կարող հասկանալ։ Ահա թե ինչ եմ ասում։
― Խմեք, Հարրիս։
Ռոնսեվալից վերադառնալիս Հարրիսը քայլում էր մեր երկուսի միջև։ Նախաճաշեցինք հյուրանոցում, և Հարրիսը մեզ ուղեկցեց մինչև ավտոբուս։ Նա տվեց մեզ իր այցետոմսը՝ Լոնդոնի իր տան հասցեով, գրասենյակի հասցեով և ակումբի հասցեով, որտեղ ինքը լինում է, և ավտոբուս նստելիս ամենքիս մի ծրար տվեց։ Ես բացեցի ծրարն ու տեսա մեջը տասից ավելի արհեստական ճանճեր։ Հարրիսն ինքն էր դրանք սարքել։ Նա միշտ ինքն է սարքում։
― Լսեք, Հարրիս․․․ ― սկսեցի ես։
― Ոչ։ Ոչ։ ― Ասաց նա։ Նա արդեն իջել էր ավտոբուսից։ ― Դրանք իսկի էլ ամենալավ ճանճերը չեն։ Պարզապես մտածեցի, որ երբ կարթին ամրացնելու լինեք, միգուցե կհիշեք, թե ինչքան լավ ժամանակ անցկացրինք։
Ավտոբուսը շարժվեց։ Հարրիսը փոստի մոտ կանգնած ձեռքով արեց մեզ։ Երբ արդեն դուրս եկանք ճանապարհ, նա շրջվեց և ետ գնաց դեպի հյուրանոց։
― Հարրիսը լավն է, չէ՞, ― ասաց Բիլլը։
― Կարծում եմ, նա իսկապես լավ ժամանակ անցկացրեց։
― Հարրի՞սը։ Իհարկե։
― Ափսոս, որ նա մեզ հետ Փամփլոնա չեկավ։
― Ուզում էր ձուկ բռնել։
― Այո։ Եվ դեռ հարց է, թե մեր անգլիացիներն իրար հետ ինչպես էին լեզու գտնելու։
― Կարծում եմ, որ չէին գտնի։
Փամփլոնա հասանք երեկոյան դեմ, ավտոբուսը կանգ առավ Մոնտոյայի հյուրանոցի մուտքի մոտ։ Հրապարակում էլեկտրական լարեր էին անցկացնում ֆիեստայի ժամանակ հրապարակը լուսավորելու համար։ Երբ ավտոբուսը կանգ առավ, մոտեցան մի քանի տղաներ, իսկ մաքսատան աստիճանավորը կարգադրեց բոլոր ավտոբուսից իջնողներին բացել իրենց պարկերը հենց այդտեղ, մայթի վրա։ Մտանք հյուրանոց, սանդուղքին մեզ դիմավորեց Մոնտոյան։ Մշտական շփոթված ժպիտը դեմքին նա սեղմեց մեր ձեռքերը։
― Ձեր ընկերներն այստեղ են, ― ասաց նա։
― Պարոն Քե՞մփբելլը։
― Այո, պարոն Կոնը, պարոն Քեմփբելլը և լեդի Էշլին։
Նա ժպտաց, կարծես էլի ինչ֊որ բան էր ասում։
― Նրանք ե՞րբ են եկել։
― Երեկ։ Ես ձեզ համար պահել եմ ձեր նախկին սենյակը։
― Հիանալի է։ Դուք պարոն Քեմփբելլին տվեցի՞ք հրապարակ նայող պատուհաններով սենյակ։
― Այո։ Այն սենյակները, որ ընտրել էինք միասին։
― Իսկ որտե՞ղ են հիմա մեր ընկերները։
― Կարծեմ գնացին պելոտա խաղը նայելու։
― Իսկ ցլերից ի՞նչ կա։
Մոնտայան ժպտաց։
― Այսօր երեկոյան, ― ասաց նա, ― ժամը յոթին կբերեն վիլյարյան ցլերին, իսկ վաղը՝ մյուրյան։ Դուք բոլո՞րդ պիտի գնաք նայելու։
― Անպայման։ Նրանք երբեք չեն տեսել, թե ցլերին ինչպես են իջեցնում։
Մոնտոյան ձեռքը դրեց ուսիս։
― Այնտեղ կհանդիպենք։
Նա նորից ժպտաց։ Նա միշտ այնպես էր ժպտում, ասես ցլամարտը մեր երկուսի անձնական գաղտնիքն էր․ մի քիչ ամոթալի, բայց շատ մեծ գաղտնիքը, որ գիտեինք միայն մենք երկուսս։ Նա միշտ ժպտում էր այնպես, ասես երկուսիս իմացած այդ գաղտնիքի մեջ ուրիշների համար ինչ֊որ անպատշաճ մի բան կար։ Հարկ չկար բացելու դա այնպիսի մարդկանց մոտ, որոնք ընդունակ չէին հասկանալու։
― Ձեր բարեկամը նույնպե՞ս aficionado է, ― հարցրեց Մոնտոյան և ժպտաց Բիլլին։
― Այո, նա Նյու֊Յորքից հատկապես եկել է այս տոնը դիտելու։
― Իսկապե՞ս, ― Մոնտոյան քաղաքավարի կերպով կասկած հայտնեց։ ― Բայց կարծում եմ նա ձեզ նման aficionado չէ։
Նա նորից շփոթված ձեռքը դրեց ուսիս։
― Ոչ, ― ասացի։ ― Նա իսկական aficionado է։
― Համենայն դեպս ոչ ձեզ նման։
Aficion նշանակում է կիրք։ Aficionado կոչվում է նա, ով մոլի կերպով հրապուրվում է ցլամարտով։ Բոլոր լավ ցլամարտիկները ապրել էին Մոնտոյայի հյուրանոցում, բոլոր նրանք, ովքեր aficion են ունեցել, ապրել են այնտեղ։ Այն ցլամարտիկները, ովքեր աշխատել են փողի համար, պատահել է մնացել են նրա մոտ, սակայն երկրորդ անգամ այլևս այնտեղ չեն գնացել։ Լավ ցլամարտիկները գալիս էին ամեն տարի։ Մոնտոյայի սենյակում կախված էին նրանց լուսանկարները իրենց ձեռքով մակագրված։ Դրանք նվիրված էին կամ Խուանիտո Մոնտոյային, կան նրա քրոջը։ Այն ցլամարտիկների նկարները, որոնց Մոնտոյան իսկապես հավանում էր, կախված էին շրջանակների մեջ։ Իսկ aficion ցլամարտիկների նկարները պահում էր սեղանի դարակում։ Այդ լուսանկարների վրա հաճախ շատ շոյող մակագրություններ կային։ Սակայն դա նրա համար նշանակություն չուներ։ Մի անգամ Մոնտոյան այդ ամենը հանեց դարակից և գցեց աղբի զամբյուղը։ Չէր ուզում իր մոտ պահել։
Ես և նա հաճախ էինք խոսում ցլերի և ցլամարտիկների մասին։ Արդեն մի քանի տարի ես միշտ կանգ էի առնում Մոնտոյայի հյուրանոցում։ Մենք երբեք շատ երկար չէինք խոսում։ Պարզապես հաճելի էր միմյանց կարծիքն իմանալ։ Հաճախ հեռուներից եկած մարդիկ, Փամփլոնայից մեկնելուց առաջ, մի քանի րոպեով մտնում էին Մոնտոյայի մոտ, որպեսզի խոսեն նրա հետ ցլերի մասին։ Նրանք բոլոր aficionado֊ներ էին։ Aficionado-ները միշտ կարող էին սենյակ ստանալ, եթե անգամ հյուրանոցը լեփ֊լեցուն էր։ Մոնտոյան ինձ ծանոթացրել էր նրանցից մի քանիսի հետ։ Սկզբում նրանք իրենց շատ զուսպ էին պահում, քաղաքավարության սահմաններում, սակայն նայում էին ինձ որպես ամերիկացու, փոքր֊ինչ ծաղրաբար և թերահավատ։ Չգիտես ինչու, նրանց թվում էր, որ ամերիկացին ընդունակ չէ իսկական կրքի։ Նա կարող է կեղծել կամ էլ սովորական հուզմունքը կիրք համարել, սակայն իսկական կիրք ամերիկացին չի կարող ունենալ։ Սակայն, երբ տեսնում էին, որ ես իսկապես ունեմ այդ կիրքը, իսկ դա ստուգելու որևէ նշանաբան կամ հարցեր չկային, պարզապես դա մի տեսակ բանավոր, հոգևոր քննության նման բան էր, սկզբում զգուշավոր արվող հարցերով, իսկ, հետո, երբ համոզվում էին, նույնպես շփոթված ձեռքերը դնում էին ուսիս կամ էլ ասում․ «Buen Hombre»:<ref>Լավ մարդ (իսպ․)։</ref> Սակայն ավելի հաճախ փորձում էին ձեռքը դիպցնել ինձ, շոշափել, ասես համոզվելու համար, որ ես իսկապես aficion ունեմ։
Այն ցլամարտիկին, որ aficion ուներ, Մոնտոյան կարող էր ամեն ինչ ներել։ Նա ներում էր նյարդային նոպաները, վախկոտությունը, վատ, անբացատրելի արարքները, ամեն տեսակի մեղանչումները։ Ցլամարտի նկատմամբ իսկական կիրք ունեցողին նա ներում էր ամեն բան։ Այդպես նա ինձ ներեց իմ բոլոր ընկերների համար։ Նա այդ ոչնչով ցույց չէր տալիս, և մենք երկուսս էլ անհարմար էինք զգում խոսել այդ մասին, ինչպես անհարմար է, խոսելու բան չէ ցլամարտին ձիու մասնակցության մասին։
Հենց ներս մտանք, Բիլլն անմիջապես բարձրացավ վերև, և հիմա լվացվում ու շորերն էր փոխում իր սենյակում։
― Էհ, ― ասաց նա, ― իսպաներենից կարոտդ առա՞ր։
― Նա ասաց, որ ցլերին կբերեն այսօր երեկոյան։
― Արի գտնենք մերոնց ու գնանք նրանց մոտ։
― Լավ։ Հավանաբար նրանք սրճարանում կլինեն։
― Տոմսը վերցրե՞լ ես։
― Այո։ Բոլոր բեռնաթափումների համար։
― Իսկ դա նայելո՞ւ բան է։ ― Բիլլը հայելու առաջ դեմքի մաշկն էր ձգում, որպեսզի ստուգի, թե չսափրված մաս չի՞ մնացել։
― Շատ հետաքրքրիր է, ― ասացի ես։ ― Ցլերին վանդակներից մեկական բաց են թողնում կորրալ, իսկ եզները սպասում են նրանց ու չեն թողնում, որ իրար պոզահարեն, բայց ցլերը հարձակվում են եզների վրա և եզները վազվզում են նրանց շուրջ պառաված օրիորդների նման ու փորձում նրանց հանգստացնել։
― Իսկ ցլերը պոզահարո՞ւմ են եզներին։
― Պոզահարում են։ Երբեմն ցուլն ուղղակի հարձակվում է եզան վրա և սպանում։
― Եվ եզները ոչինչ չե՞ն կարող անել։
― Ոչ։ Նրանք փորձում են մտերմանալ ցլերի հետ։
― Այդ դեպքում եզներն այդտեղ ինչի՞ են պետք։
― Որպեսզի հանգստացնեն ցլերին, չթողնեն, որ նրանք իրենց եղջյուրները ջարդեն քարերին տալով կամ իրար պոզահարեն։
― Խոսք չկա, հիանալի բան է եզ լինելը։
Ցած իջանք, դուրս եկանք հյուրանոցից և հրապարակով քայլեցինք դեպի Իրունյա սրճարան։ Հրապարակում երկու փոքրիկ տնակներ էին դրել տոմսեր վաճառելու համար։ Պատուհանիկներին գրված էր «Sol, sol y sombra, sombra»,<ref>Արև, արև և ստվեր, ստվեր (իսպ․)։</ref> սակայն պատուհանիկները փակ էին, կբացվեին միայն ֆիեստայի նախօրյակին։
Իրունյա սրճարանի սպիտակ հյուսկեն աթոռներն ու սեղանիկները դրված էին ոչ միայն կամարաշարի տակ, այլև ամբողջ մայթին։ Սեղաններին նայելով որոնում էի Բրեթին և Մայքլին։ Նրանք այնտեղ էին։ Բրեթը, Մայքլը և Ռոբերտ Կոնը։ Բրեթը բերետ էր դրել, այնպիսին, ինչպիսին դնում են բասկերը։ Մայքլը նույնպես։ Կոնը առանց գլխարկի էր, ակնոցով։ Բրեթը մեզ տեսավ և ձեռքով արեց։ Մինչ մոտենում էինք սեղանին, նա աչքերը կկոցած նայում էր մեզ։
― Հելլո, տղաներ, ― ձայն տվեց նա։
Բրեթը շատ ուրախ էր։ Մայքը մեր ձեռքը սեղմեց ջերմությամբ։ Ռոբերտ Կոնը բարևեց մեզ ձեռքով նրա համար միայն, որ նոր էինք եկել։
― Գրողը տանի, ո՞ւր էիք կորել, ― հարցրի ես։
― Ես նրանց բերեցի այստեղ, ― ասաց Կոնը։
― Հիմարություն, ― ասաց Բրեթը։ ― Եթե դուք չլինեիք, մենք վաղուց եկած կլինեինք։
― Ոչ, դուք երբեք չէիք գա։
― Կատարյալ հիմարություն։ Բայց դուք երկուսդ էլ արևից լավ թխացել եք։ Մի նայեք Բիլլին։
― Շա՞տ ձուկ բռնեցիք, ― հարցրեց Մայքը։ ― Մենք ուզում էինք միանալ ձեզ։
― Հաջող էր մեր ձկնորսությունը։ Սակայն ձեր կարիքը շատ էինք զգում։
― Ես ուզում էի գալ, ― ասաց Կոնը, ― բայց մտածեցի, որ հարկավոր է նրանց բերել։
― Մեզ բերել։ Նորից հիմարություն։
― Իսկապե՞ս որսը հաջող էր, ― հարցրեց Մայքը։ ― Ձուկ շա՞տ բռնեցիք։
― Օր էր լինում, որ ամենքս մի տասը ձուկ էինք բռնում։ Մեզ հետ մի անգլիացի կար։
― Ազգանունը Հարրիս, ― ասաց Բիլլը։ ― Դուք այդպիսի մեկին չե՞ք ճանաչում, Մայք։ Նա էլ է մասնակցել պատերազմին։
― Բախտավոր մարդ, ― ասաց Մայքլը։ ― Ուրախ ժամանակներ էին։ Եվ ով կարող է վերադարձնել մեզ այդ պայծառ օրերը։
― Հիմարություններ դուրս մի տուր։
― Դուք պատերազմում եղե՞լ եք, Մայքլ, ― հարցրեց Կոնը։
― Իհարկե։
― Նա քաջարի զինվոր է եղել, ― ասաց Բրեթը։ ― Հապա պատմիր նրան, թե քո ձին քեզ ինչպես տարավ Փիքադիլլի։
― Չեմ ուզում։ Արդեն չորս անգամ պատմել եմ։
― Ինձ համար ոչ մի անգամ չեք պատմել, ― ասաց Ռոբերտ Կոնը։
― Չեմ պատմի այդ պատմությունը։ Այն վարկաբեկում է ինձ։
― Պատմիր նրանց քո մեդալների մասին։
― Չեմ ուզում։ Այդ պատմությունը ստվեր է գցում ինձ վրա։
― Բայց ի՞նչ պատմություն է դա։
― Բրեթը ձեզ կպատմի։ Նա պատմում է բոլոր այն պատմությունները, որ ստվեր են գցում ինձ վրա։
― Դե, պատմիր, Բրեթ։
― Պատմե՞մ։
― Ինքս կպատմեմ։
― Մայք, դուք ինչ մեդալներ եք ստացել։
― Ոչ մի մեդալ էլ չեմ ստացել։
― Չի կարող պատահել։
― Իմ կարծիքով ես ունեմ բոլոր այն մեդալները, որ պիտի ունենայի, բայց ինքս երբեք չեմ խնդրել, որ ինձ մեդալ տան։ Մի անգամ մեծ ճաշկերույթ էին կազմակերպել և սպասում էին, որ պետք է գա Ուելսի արքայազնը, հրավիրատոմսի վրա գրված էր, որ բոլորը պետք է լինեն իրենց շքանշաններով և մեդալներով։ Ես, իհարկե, ոչ մի մեդալ էլ չունեի, մտա իմ ծանոթ դերձակի մոտ, ցույց տվեցի հրավիրատոմսս, նա, բնականաբար, հարգանքով լցվեց իմ նկատմամբ, ես էլ դրանից օգտվեցի ու ասացի նրան․ «Դուք պետք է ինձ համար մի քանի մեդալ գտնեք»։ Նա ասաց․ «Ի՞նչ մեդալներ, պարոն»։ Իսկ ես ասացի․ «Միևնույն է, ինչ որ լինի, միայն թե մի քանի հատ գտեք ինձ համար»։ Իսկ նա ասում է․ «Ինչ իմանամ։ Մի՞թե դուք կարծում եք, թե ես ժամանակ եմ կորցնում բանակային այդ հիմար թերթերը կարդալով։ Տվեք ինչ ուզում եք, միայն որքան կարելի է շատ։ Ինքներդ ընտրեցեք»։ Նա էլ հենց տվեց ինձ մեդալներս, շատ փոքրի մեդալներ, ամբողջ մի տուփ, ես այդ տուփը գրպանս դրեցի, ու մոռացա դրա մասին։ Իհարկե, գնացի ճաշկերույթին, բայց հենց այդ երեկո սպանել էին Հենրի Ուիլսոնին, և ոչ արքայազնն էր եկել, ոչ թագավորը, ու շքանշան֊մեդալի պետք էլ չկար։ Բոլոր տղաները չարչարվելով իրենց մեդալներն էին հանում, իսկ իմս գրպանումս էր։
Նա պատմությունն ընդհատեց, և սպասում էր, որ մենք ծիծաղենք։
― Հենց այդքա՞ն։
― Այո։ Թերևս լավ չպատմեցի։
― Շատ վատ պատմեցիր, ― ասաց Բրեթը, ― բայց ոչինչ։
Բոլորս ծիծաղեցինք։
― Հա, ― ասաց Մայքը, ― հիշեցի։ Շատ ձանձրալի ճաշկերույթ էր, չկարողացա դիմանալ և դուրս եկա։ Երեկոյան մեկ էլ գրպանումս հայտնաբերեցի տուփը։ Սա ի՞նչ բան է, մտածեցի։ Մեդալնե՞ր։ Զինվորական անիծյալ մեդալներ։ Բոլոր այդ մեդալները իրարից անջատեցի, դրանք մի ժապավենի վրա էին ամրացված և մի֊մի հատ սկսեցի բաժանել աղջիկներին, որպես հուշանվեր։ «Այ սա մարտիկ է, ― մտածում էին նրանք։ Մեդալներ է բաժանում գիշերային գինետանը։ Իսկական կտրիճ է»։
― Շարունակությունը պատմիր, ― ասաց Բրեթը։
― Դա իսկապես շատ ծիծաղելի էր։ Եվ ահա դերձակս ինձ նամակ է գրում և ետ է պահանջում մեդալները։ Մարդ է ուղարկում մեդալներն ուզելու։ Ամիսներ շարունակ գրում է։ Բանից դուրս է գալիս, ինչ֊որ մեկը տվել էր նրան այդ մեդալները, որ փայլեցնի։ Մի զինվորական։ Այդ մարդը դողում էր մեդալների վրա, քիչ էր մնում խելքը թռցնի։
Մայքը լռեց։
― Դերձակի համար դա ծանր հարված էր, ― ասաց նա։
― Ինչ եք ասում, ― ասաց Բիլլը, ― ես կարծում էի, որ դուք երջանկացրել եք ձեր դերձակին։
― Շատ լավ դերձակ էր։ Հիմա ինձ վրա նայելով դժվար է դրան հավատալ, ― ասաց Մայքը։ ― Ես նրան տարեկան հարյուր ֆունտ էի վճարում, որ հանգիստ լինի։ Եվ նա ինձ երբեք հաշիվներ չէր ուղարկում։ Այնպես որ իմ սնանկանալը նրա համար սարսափելի հարված էր։ Իսկ դա եղավ մեդալների պատմությունից անմիջապես հետո։ Ու հենց դրա համար էր, որ այդքան զայրացած նամակներ էր գրում։
― Իսկ ինչպե՞ս սնանկացաք, ― հարցրեց Բիլլը։
― Երկու եղանակով, ― ասաց Մայքլը, ― սկզբում աստիճանաբար, հետո միանգամից։
― Եվ ի՞նչն էր պատճառը։
― Ընկերներս, ― ասաց Մայքլը։ ― Ես շատ ընկերներ ունեի։ Ոչ իսկական ընկերներ։ Եվ ունեի նաև շատ պարտատերեր։ Անգլիայում հավանաբար ոչ ոք ինձնից շատ պարտատերեր չուներ։
― Նրանց դատի մասին պատմիր, ― ասաց Բրեթը։
― Չեմ հիշում, ― ասաց Մայքը։ ― Մի քիչ հարբած էի։
― Մի քիչ, ― բացականչեց Բրեթը։ ― Դու սարսափելի հարբած էիր։
― Զարմանալի բան, ― ասաց Մայքը։ ― Օրերս հանդիպեցի իմ նախկին գործընկերոջը։ Ուզում էր ինձ խմիչք հյուրասիրել։
― Քո գիտուն փաստաբանի մասին պատմիր, ― ասաց Բրեթը։
― Ոչ, ― ասաց Մայքը, ― իմ գիտուն փաստաբանը նույնպես հարբած էր։ Ասացի չէ, որ սա շատ տհաճ թեմա է։ Եվ, վերջապես, գնո՞ւմ ենք նայելու ինչպես են բեռնաթափում ցլերին, թե ոչ։
― Գնում ենք։
Կանչեցինք մատուցողին, վճարեցինք և քայլեցինք դեպի քաղաքի մյուս ծայրը։ Ես գնացի Բրեթի հետ, սակայն Ռոբերտ Կոնը հասավ մեզ և քայլեց Բրեթի մյուս կողքից։ Այդպես երեքով քայլելով անցանք Ayuntamiento֊ի մոտով, որի պատշգամբից դրոշակներ էին կախված, շարունակեցինք մեր ճամփան շուկայի մոտով և քայլեցինք զառիվեր փոքրիկ փողոցով, որ տանում էր դեպի Արգայի կամուրջը։ Ցլերին դիտելու շատ մարդ էր գնում, կառքերն ստիպված էին իջնել ցած և անցնել կամուրջով։ Ոտքով քայլողների գլխավերևում երևում էին մտրակներ, ձիեր, կառապաններ։ Կամուրջն անցնելով թեքվեցինք դեպի կորրալ տանող ճանապարհը։ Անցանք մի գինու խանութի մոտով, որի ցուցափեղկին գրված էր․ «Լավ գինի, մեկ լիտրը 30 սենտիմ»։
― Ահա թե ուր կգանք, երբ փողներս վերջանա, ― ասաց Բրեթը։
Երբ անցնում էինք խանութի մոտով, դռանը կանգնած կինը նայեց մեզ։ Նա ձայն տվեց ինչ֊որ մեկին, և երեք աղջիկ մոտեցան պատուհանին ու սկսեցին մեզ նայել։ Նրանք նայում էին Բրեթին։
Կորալլի դարպասի մոտ երկու տղամարդ տոմսերն էին վերցնում ներս մտնողներից։ Մենք ներս մտանք։ Ցանկապատից ներս ծառեր էին աճում և մի ցածր քարե տուն կար։ Բակի ծայրին երևում էին կորրալի պատը՝ անցքերով, որ հրակնատների նման շարված էին երկու անասնանոցներից յուրաքանչյուրի ճակատամասին։ Պատին մի աստիճան էր հենած, որով մարդիկ բարձրանում էին ու կանգնում երկու անասնանոցների միջև ընկած լայն միջնորմին։ Երբ մենք ծառերի տակ աճած խոտի վրայով մոտենում էինք սանդուղքին, անցանք մեծ, մոխրագույն ներկած վանդակների մոտով, որոնց մեջ ցլեր էին։ Յուրաքանչյուր վանդակի մեջ ցուլ էր։ Դրանց գնացքով բերել էին կաստիլյան ցլաբուծարանից, կայարանում բեռնաթափել էին ապրանքատար բաց վագոններից և բերել այստեղ, որպեսզի վանդակներից բաց թողնեն կորրալ։ Ամեն վանդակի վրա գրված էր ցլաբուծարանի տիրոջ անունն ու նշանը։
Բարձրացանք սանդուղքին և տեղ գտանք մի պատի մոտ, որտեղից երևում էր կորրալը։ Պատերը սպիտակեցված էին, գետնին ծղոտ էր փռած, իսկ պատերի երկայնությամբ դրված էին փայտե կերամաններ և ջրի տաշտեր։
― Մի այն կողմ նայեց, ― ասացի ես։
Գետից այն կողմ, բարձրահարթի վրա վեր էր խոյանում քաղաքը։ Հին հողապատնեշներն ու ամրոցի պատերն ամբողջապես ծածկված էին մարդկանցով։ Երեք շարք ամրություններին այնքան խիտ էին կանգնած մարդիկ, որ դրանք ասես երեք սև գծեր լինեին։ Ավելի վեր, տների պատուհաններից ամեն տեղ երևում էին մարդկանց գլուխներ։ Բարձրահարթի եզրին ծառերն էին բարձրացել փոքրիկ տղաները։
― Նրանք կարծես ինչ֊որ բանի են սպասում, ― ասաց Բրեթը։
― Ուզում են տեսնել ցլերին։
Մաքյն ու Բիլլը կանգնած էին անասնանոցի դիմացի պատի մոտ։ Նրանք մեզ ձեռքով արեցին։ Մեզնից հետո եկած մարդիկ ետևից սեղմում էին մեզ, իսկ նրանց էլ ճնշում էին ավելի ուշ եկածները։
― Ինչո՞ւ չեն սկսում, ― հարցրեց Ռոբերտ Կոնը։
Վանդակներից մեկին մի ջորի կապեցին, որը վանդակը քարշ տվեց մինչև կորրալի պատի միջի դարպասը։ Մարդիկ լինգերով շարունակ հրում և բարձրացնում էին վանդակն այնպես, որ այն ուղիղ դարպասի առաջ կանգնի։ Պատին կանգնած արդեն սպասում էին ուրիշ մարդիկ, պատրաստ բացելու կորրալի դարպասն, ու այնտեղից դուրս վազեցին երկու եզ՝ գլուխները թափահարելով, նիհար կողերը ճոճելով։ Նրանք կանգնեցին իրար կողքի, պատի մոտ, գլուխները դեպի դարպասը, որտեղից պետք է դուրս գար ցուլը։
― Չէի ասի, թե ուրախ տեսք ունեն, ― ասաց Բրեթը։
Պատի վրա կանգնած մարդիկ կռացան և բացեցին կորրալի դուռը։ Հետո բացեցին վանդակի դուռը։
Ես պատի վրայից կռացա, ջանալով նայել վանդակի մեջ։ Այնտեղ մութ էր։ Մեկը մետաղաձողով խփեց վանդակին։ Ներսում ասես ինչ֊որ բան պայթեց։ Ցուլը մռնչում էր կոտոշները այս ու այն կողմ խփելով վանդակի փայտերին։ Հետո տեսա մի սև դունչ և կոտոշների ստվերը, ապա սմբակներն աղմուկով դոփելով փայտերին, ցուլը դուրս թռավ կորրալ, առջևի ոտքերը սահեցրեց ծղոտի վրայով, կանգ առավ՝ ամբողջ մարմնով դողալով, պարանոցի մկանները ուռցրած, և գլուխը ետ գցելով նայեց պատերին շարված մարդկանց։ Երկու եզները ետ֊ետ գնացին դեպի պատը, գլուխները կախ, աչքը ցլից չկտրելով։
Ցուլը տեսավ եզներին և նետվեց նրանց կողմը։ Կերի տաշտի ետև կանգնած որսահալածներից մեկը բարձր ձայն տվեց, գլխարկը խփելով փայտերին, և ցուլը եզներին չմոտեցած շրջվեց, ձգվեց, ցատկեց դեպի կերակրատաշտն ու սկսեց աջ կոտոշով հարվածներ տեղալ, ջանալով հարվածել որսահալածին։
― Տեր իմ, որքան գեղեցիկն է, ― ասաց Բրեթը։
Ցուլը կանգնած էր հենց մեր ցածում։
― Տեսեք, թե նա ինչպես է օգտագործում իր կոտոշները, ― ասացի ես։ ― Նրա աջ և ձախ հարվածները իսկական բռնցքամարտիկի հարվածներ են։
― Իսկապե՞ս։
― Նայեք։
― Չափազանց արագ է, չեմ հասցնում տեսնել։
― Սպասեք։ Հիմա մի նոր ցուլ բաց կթողնեն։
Մուտքի մոտ արդեն նոր վանդակ էր դրված։ Կորրալի հեռու անկյունում որսահալածը փայտե ցանկապատի ետև թաքնված գրավում էր ցուլի ուշադրությունը, և մինչ ցուլը նայում էր նրա կողմը, դուռը բացեցին և երկրորդ ցուլը ներս խուժեց կորրալ։
Նա միանգամից հարձակվեց եզների վրա, և երկու որսահալած դուրս թռան փայտե ցանկապատի ետևից ու սկսեցին բարձր գոռգոռալ, փորձելով իրենց կողմ գրավել ցուլի ուշադրությունը։ Նրանք գոռում էին․ «Հա՜֊հա՜, Տորո», ― և ձեռներն էին թափահարում, սակայն ցուլը ետ չշրջվեց․ եզները կանգնեցին կողքով դեպի ցուլը, որպեսզի հարվածն ընդունեն, և ցուլը կոտոշը խրեց մեկի կողի մեջ։
― Մի նայիր, ― ասացի Բրեթին։
Սակայն նա հմայված նայում էր ցուլին։
― Դե լավ, ― ասացի ես, ― եթե ձեզ համար սա տհաճ չէ։
― Ես տեսա, ― ասաց Բրեթը։ ― Տեսա թե ինչպես նա հարվածեց ձախ, հետո էլ աջ կոտոշով։
― Հիանալի է։
Եզն ընկել ու մնացել էր նույն դիրքում՝ պարանոցը ձգած, գլուխը թեքած։ Հանկարծ ցուլը թողեց զոհին և հարձակվեց մյուս եզան վրա, որ կանգնած էր կորրալի հեռավոր անկյունում և գլուխը այս ու այն կողմ պտտելով նայում էր ցլին։ Եզն անվարժ վազեց, ցուլը հասավ նրան, թեթևակի պոզահարեց կողը, հետո շրջվեց և բաշն ուռցրած կատաղի նայեց պատերին շարված մարդկանց։ Եզը մոտեցավ ցլին, ձևացնելով, թե ուզում է հոտոտել նրան, սակայն ցուլը մի քանի անգամ թեթևակի պոզահարեց նրան։ Հետո ցուլը հոտոտեց եզին և երկուսով վազեցին դեպի առաջին ցուլը։
Երբ մի նոր ցուլ մտավ կորրալ, երկու ցլերն ու եզը կանգնած էին կողք֊կողքի, գլուխները թեքած և կոտոշներն ուղղած դեպի նորեկը։ Եզը մի քանի րոպեում մտերմացավ ցլի հետ, հանգստացրեց նրան և միացրեց նախրին։ Երբ բեռնաթափեցին վերջին երկու ցլերին, ամբողջ նախիրը հավաքվեց մի տեղ։
Եզը, որին պոզահարել էր առաջին ցուլը, քարե պատին հենվելով ոտքի կանգնեց։ Ցլերը նրան չմոտեցան, և եզն էլ չփորձեց միանալ նախրին։
Մենք հավաքված մարդկանց հետ իջանք պատից և մի անգամ էլ նայեցինք ցլերին կորրալի պատի արանքից։ Հիմա բոլորը կանգնած էին հանգիստ, գլուխները կախած։ Դուրս գալով այդտեղից, կառք նստեցինք և գնացինք սրճարան։ Մայքը և Բիլլը եկան կես ժամ հետո։ Ճանապարհին մի քանի տեղ կանգ էին առել խմելու։
Նստած էինք սրճարանում։
― Զարմանալի բան է, ― ասաց Բրեթը։
― Վերջին ցլերն արդյոք նույնքա՞ն լավ են մարտի համար, ինչպես առաջինները, ― հարցրեց Ռոբերտ Կոնը։ ― Դրանք կարծես շատ շուտ հանգստացան։
― Նրանք բոլորն իրար գիտեն, ― ասացի ես։ ― Ցլերը վտանգավոր են, երբ մենակ են, կամ երկու֊երեքով են։
― Այսինքն ինչպես թե, ― ասաց Բիլլը։ ― Ինձ համար դրանք միշտ էլ սարսափելի են։
― Ցուլը սպանելու ցանկություն է ունենում, երբ մենակ է։ Իհարկե, եթե դու մտնեիր նրանց մոտ, նրանցից մեկը հավանաբար կառանձնանար և այդպիսով կդառնար վտանգավոր։
― Դա շատ բարդ է, ― ասաց Բիլլը։ ― Մայք, ինձ երբեք նախրից չանջատեք։
― Ամեն դեպքում, ― ասաց Մայքը, ― դրանք հիանալի ցլեր էին։ Նրանց կոտոշները տեսա՞ք։
― Ինչպես չտեսա, ― ասաց Բրեթը։ ― Ես առաջ ոչ մի պատկերացում չունեի, թե դրանք ինչպիսին են։
― Իսկ տեսա՞ք, թե ինչպես եզին պոզահարեց, ― հարցրեց Մայքը։ ― Հոյակապ էր։
― Եզ լինելն այնքան էլ հաճելի բան չէ, ― ասաց Ռոբերտ Կոնը։
― Դուք ա՞յդ կարծիքին եք, ― ասաց Մայքը։ ― Իսկ ինձ թվում է, որ ձեզ դուր կգար եզ լինել, Ռոբերտ։
― Ի՞նչ եք ուզում ասած լինել, Մայքլ։
― Եզները շատ խաղաղ կյանք ունեն։ Միշտ լռում են և միշտ ցցված են ցլերի կողքին։
Բոլորս մեզ անհարմար, վատ զգացինք։ Բիլլը ծիծաղեց։ Ռոբերտ Կոնը զայրացած էր։ Մայքը շարունակում էր․
― Ինձ թվում է դա ձեզ շատ դուր կգար։ Ստիպված չէիք լինի խոսել։ Դե, Ռոբերտ, մի բան ասեք, հո չի կարելի այդպես լուռ նստել։
― Ես ասացի, Մայք։ Մի՞թե չեք հիշում։ Եզների մասին։
― Օհ, էլի մի բան ասեք։ Մի զվարճալի բան ասեք։ Դուք հո տեսնո՞ւմ եք, որ բոլորս այստեղ լավ ժամանակ ենք անցկացնում։
― Բավական է, Մայք։ Դու հարբած ես, ― ասաց Բրեթը։
― Ես հարբած չեմ։ Ես շատ լուրջ եմ։ Հետաքրքիր է, Ռոբերտ Կոնը դեռ ինչքան է մտադիր եզան նման Բրեթի շուրջը պտտվել։
― Լռիր, Մայքլ։ Ցույց տուր, որ դաստիարակված մարդ ես։
― Գրողի ծոցը այդ դաստիարակությունը։ Ցլերից բացի, ո՞վ է, որ լավ դաստիարակություն ունի։ Բայց նրանք հրաշալի են, չէ՞։ Ձեզ դուր եկա՞ն, Բիլլ։ Ինչո՞ւ դուք ոչինչ չեք ասում, Ռոբերտ։ Նստել եք այստեղ հուղարկավորողի տեսքով։ Հետո ինչ, որ Բրեթը ձեզ հետ քնել է։ Նա ձեզանից շատ ավելի լավերի հետ է եղել։
― Լռեք, ― ասաց Կոնը։ Նա վեր կացավ տեղից։ ― Լռեք, Մայք։
― Օհ, մի վեր կացեք և ձեզ մի պահեք այնպես, ասես ուզում եք ինձ խփել։ Դա ինձ համար ոչ մի նշանակություն չունի։ Ասացեք, Ռոբերտ, ինչո՞ւ եք ողորմելի եզան պես շարունակ պտտվում Բրեթի շուրջը։ Չե՞ք հասկանում, որ դուք նրան պետք չեք։ Ես, օրինակ, իսկույն զգում եմ՝ պետք եմ, թե ոչ։ Ինչո՞ւ դուք չեք զգում։ Դուք եկաք Սան֊Սեբաստիան, ուր ձեզ բոլորովին չէին սպասում և աներես եզան պես սկսեցիք պտտվել Բրեթի շուրջը։ Ձեր կարծիքով դա ճի՞շտ է։
― Լռեք, դուք հարբած եք։
― Միգուցե և հարբած եմ։ Իսկ դուք ինչո՞ւ հարբած չեք։ Ինչո՞ւ երբեք չեք խմում, Ռոբերտ։ Ձեզ համար այնքան էլ ուրախ չէր Սան֊Սեբաստիանում, որովհետև մեր ընկերներից և ոչ մեկը ձեզ ոչ մի երեկոյի չհրավիրեց։ Եվ նրանց մեղադրել չեք կարող։ Մի՞թե կարող եք։ Ես էլ եմ նրանց խնդրել, որ ձեզ հրավիրեն։ Սակայն նրանք չուզեցին։ Ասացեք, մի՞թե կարող եք նրանց մեղադրել։ Դե, ասացեք։ Պատասխանեք ինձ։ Կարո՞ղ եք դուք նրանց մեղադրել։
― Կորեք գրողի ծոցը, Մայքլ։
― Ես չեմ կարող նրանց մեղադրել։ Իսկ դուք, դուք կարո՞ղ եք։ Ինչո՞ւ եք շարունակ Բրեթի ետևից քարշ գալիս։ Սա ինչ պահվածք է։ Ինչ եք կարծում, դա հաճելի՞ է ինձ։
― Պահվածքից լավ է չխոսես, ― ասաց Բրեթը։ ― Դու ինքդ էլ մի երևելի պահվածք չունես։
― Գնանք, Ռոբերտ, ― ասաց Բիլլը։
― Ինչո՞ւ եք շարունակ նրա ետևից քարշ գալիս։
Բիլլը վեր կացավ և քաշեց Կոնի թևից։
― Մի գնացեք, ― ասաց Մայքը։ ― Ռոբերտ Կոնը խմիչք է պատվիրում։
Բիլլը Կոնի հետ գնաց։ Կոնի դեմքը դեղնել էր։ Մայքլը շարունակում էր խոսել։ Ես լուռ նստած մի քիչ ժամանակ լսում էի նրան։ Բրեթը դժգոհ տեսք ուներ։
― Մայքլ, դու քեզ պարզապես հիմարի պես ես պահում, ― ընդհատեց նա Մայքլին։ ― Սակայն դա չի նշանակում, որ նրա ասածները ճիշտ չեն, ― դարձավ նա դեպի ինձ։
Մայքլն անմիջապես խաղաղվեց։ Մենք իրար հետ կարողանում էինք ընկերություն անել։
― Ես այնքան էլ հարբած չեմ, ինչպես թվում է ձեզ, ― ասաց նա։
― Գիտեմ, որ դու հարբած չես, ― ասաց Բրեթը։
― Բոլորս էլ մի քիչ խմել ենք։
― Ես ասում էի այն, ինչ մտածում էի։
― Բայց ասում էիր շատ վատ ձևով, ― Բրեթը ծիծաղեց։
― Ամեն դեպքում, նա ավանակ է։ Եկավ Սան֊Սեբաստիան, որտեղ ոչ մեկի համար հաճելի չէր։ Քարշ էր գալիս Բրեթի շուրջն ու աչքը չէր կտրում նրանից։ Ուղղակի զզվելի էր։
― Իսկապես, նա իրեն վատ պահեց, ― ասաց Բրեթը։
― Հասկացեք ինձ։ Բրեթն առաջ էլ սիրեկաններ ուներ։ Նա ինձ ամեն ինչ պատմում է։ Նա ինձ տվեց Կոնի նամակները, որ կարդամ, սակայն ես չկարդացի։
― Ինչպիսի՜ վեհանձնություն։
― Լսեք ինձ, Ջեյք։ Բրեթը ունեցել էր սիրեկաններ։ Սակայն նրանց մեջ ոչ մի հրեա չի եղել, և նրանք հետո այլևս Բրեթին նեղություն չեն պատճառել։
― Շատ լավ տղաներ էին, ― ասաց Բրեթը։ ― Սակայն չարժե այդ մասին խոսել։ Ես և Մայքլն իրար հասկանում ենք։
― Նա տալիս էր ինձ Կոնի նամակները, սակայն ես չէի կարդում։
― Սիրելիս, դու ընդհանրապես ոչ մի նամակ չէիր կարդում։ Նույնիսկ իմ նամակները։
― Նամակներ կարդալ չեմ կարողանում, ― ասաց Մայքը։ ― Ծիծաղելի է, այնպես չէ՞։
― Դու ոչինչ կարդալ չես կարող։
― Ոչ։ Այ, այստեղ դու սխալվում ես։ Ես շատ եմ կարդում, երբ տանն եմ, շա՜տ, շատ եմ կարդում։
― Շուտով կսկսես գրել, ― ասաց Բրեթը։ ― Դե, Մայքլ, տրամադրությունդ մի գցիր։ Նա այստեղ է, և դու պետք է հաշտվես այդ մտքի հետ։ Ֆիեստան մի փչացրու։
― Ուրեմն թող կարգին պահի իրեն։
― Կարգին կպահի։ Ես կասեմ նրան, որ իրեն կարգին պահի։
― Դուք ասեք նրան, Ջեյք։ Ասեք նրան, որ կամ իրեն կարգին պահի, կամ կորի գնա այստեղից։
― Այո, իհարկե, ― ասացի։ ― Ինձ համար հատկապես հաճելի կլինի նրան այդ ասել։
― Լսիր, Բրեթ, ասա Ջեյքին, թե Ռոբերտն ինչպես է քեզ անվանում։ Դա պարզապես հրաշք է։
― Օհ, ոչ։ Չեմ կարող։
― Ասա։ Չէ որ մենք մտերիմներ ենք, ընկերներ։ Այնպես չէ՞, Ջեյք, մենք ընկերներ ենք, չէ՞։
― Չեմ կարող, Մայքլ։ Դա ծիծաղելի է։
― Ուրեմն, ես կասեմ։
― Պետք չէ, Մայքլ։ Հիմարություն մի արեք։
― Նա Բրեթին կոչում է Կիրկե, ― ասաց Մայքլը։ ― Հավատացնում է, որ Բրեթը տղամարդկանց դարձնում է խոզ։ Հիանալի է ասված։ Ափսոս, որ ես գրող չեմ։
― Բայց Մայքլից շատ լավ գրող դուրս կգար, ― ասաց Բրեթը։ ― Ի՜նչ նամակներ է գրում նա։
― Գիտեմ, ― ասացի։ ― Նա գրել էր ինձ Սան֊Սեբաստիանից։
― Դա ինչ է որ, ― ասաց Բրեթը։ ― Նա կարող է շատ զվարճալի նամակներ գրել։
― Բրեթը ստիպեց ինձ, որ գրեմ։ Ինքը հիվանդ էր ձևացել։
― Ես իսկապես հիվանդ էի։
― Գնանք, ― ասացի։ ― Գնանք, ուտելու ժամանակն է։
― Ես ինձ ինչպես պահեմ Կոնի հետ, ― ասաց Մայքլը։
― Պահեք ձեզ այնպես, ասես ոչինչ չի եղել։
― Ինձ համար միևնույն է, ― ասաց Մայքը։ ― Ես ինձ ամենևին անհարմար չեմ զգում։
― Եթե նա այդ մասին մի բան ասի, ասացեք, որ հարբած եք եղել։
― Ճիշտ է։ Եվ ծիծաղելին այն է, որ կարծես իսկապես էլ հարբած եմ եղել։
― Գնանք, ― ասաց Բրեթը։ ― Այս թույնի համար վճարե՞լ եք։ Մինչև ճաշ ես պետք է լոգանք ընդունեմ։
Կրեցինք անցանք հրապարակը։ Արդեն մթնել էր, սակայն հրապարակը լուսավորված էր սյունաշարի տակ գտնվող սրճարանների լույսերով։ Քայլեցինք դեպի հյուրանոց ծառերի տակով, մանրախճով ծածկված նեղլիկ ճանապարհով։
Մայքլն ու Բրեթը վեր բարձրացան, իսկ ես կանգնեցի, որ մի քիչ խոսեմ Մոնտոյայի հետ։
― Ցլերը ձեզ դո՞ւր եկան, ― հարցրեց Մոնտոյան։
― Այո։ Հիանալի ցլեր են։
― Ոչինչ, լավն են։ ― Մոնտոյան գլուխը տարուբերեց։ ― Բայց շատ լավ չեն։
― Ինչո՞ւ ձեզ դուր չեն գալիս։
― Ինքս էլ չգիտեմ։ Ուղղակի այնպիսի մի զգացում ունեմ, որ դրանք այնքան էլ լավ ցլեր չեն։
― Հասկանում եմ ձեզ։
― Բայց, իհարկե, վատ ցլեր չեն։
― Այո, վատը չեն։
― Իսկ ձեր ընկերները հավանեցի՞ն։
― Շատ հավանեցին։
― Լավ է, ― ասաց Մոնտոյան։
Բարձրացա վերև։ Բիլլը իր սենյակի պատշգամբում կանգնած նայում էր դեպի հրապարակ։ Մոտեցա նրան։
― Որտե՞ղ է Կոնը։
― Իր սենյակում։
― Ինչպե՞ս է զգում իրեն։
― Իհարկե, շատ վատ։ Մայքլն իրեն շատ վատ պահեց։ Հարբած ժամանակ նա անտանելի է։
― Նա հարբած չէր։
― Ինչպես թե հարբած չէր։ Ես հո գիտեմ մենք ինչքան էինք խմել մինչև սրճարան գալը։
― Հետո նրա հարբածությունն անցավ։
― Թեկուզ և այդպես։ Բայց նա իրեն այլանդակ պահեց։ Ես էլ Կոնին մի առանձնապես չեմ սիրում և գտնում եմ, որ նրա Սան֊Սեբաստիան գնալը հիմարություն էր, սակայն ոչ ոք իրավունք չունի Մայքլի նման խոսել մարդու հետ։
― Ցլերը հավանեցի՞ր։
― Շատ։ Նրանց դուրս բերելը ուղղակի հիանալի է։
― Վաղը կբերեն մյուրյան ցլերին։
― Ֆիեստան ե՞րբ է սկսվում։
― Վաղը չէ մյուս օրը։
― Պետք է հետևել Մայքլին, որ շատ չհարբի։ Թե չէ իրեն շատ վատ է պահում։
― Ավելի լավ է մեզ կարգի բերենք ընթրիքի իջնելու։
― Այո, ուրախ ընթրիք է լինելու։
― Դե, իհարկե։
Ընթրիքն իսկապես էլ շատ ուրախ անցավ։ Բրեթը հագել էր անթև, սև գույնի երեկոյան զգեստ։ Նա շատ գեղեցիկ էր։ Մայլքն իրեն պահում էր այնպես, կարծես ոչինչ չէր եղել։ Ես ստիպված էի վեր բարձրանալ և բերել Ռոբերտ Կոնին։ Նա իրեն պահում էր սառն ու պաշտոնական, դեմքը դեռ դեղնած էր, գունատ, ինքնամփոփ, սակայն վերջում նրա տրամադրությունն էլ բացվեց։ Նա չէր կարողանում չնայել Բրեթին։ Հավանաբար դա նրա համար մեծ երջանկություն էր։ Հավանաբար նրա համար հաճելի էր տեսնել Բրեթին այդքան գեղեցիկ, և իմանալ, որ Բրեթը մեկնել է իր հետ, և որ բոլորը գիտեն այդ։ Դա արդեն ոչ մեկը չէր կարող նրանից խլել։ Բիլլը սրամտում էր։ Սրամտում էր և Մայքլը։ Նրանք միասին իրենց շատ լավ էին զգում։
Այդպիսի ընթրիքներ ես հիշում էի մեկ էլ պատերազմի ժամանակ։ Շատ գինի, շինծու անհոգություն և այնպիսի մի նախազգացում, որ ինչ լինելու է կլինի և հնարավոր չէ կանխել։ Գինու ազդեցության տակ իմ մռայլ զգացողություններն էլ վերացան և տրամադրությունս բարձրացավ։ Բոլորը թվում էին ինձ լավ, բարի մարդիկ։
==Գլուխ տասնչորսերորդ==
Չգիտեմ, թե ժամը քանիսին պառկեցի։ Հիշում եմ, որ հանվեցի, հագա խալաթս և պատշգամբ դուրս եկա։ Գիտեի, որ շատ եմ խմած, ու երբ սենյակ մտա, վառեցի գլխավերևիս լամպն ու սկսեցի կարդալ։ Կարդում էի Տուրգենեև։ Երևի մի քանի անգամ կարդացի վերջին երկու էջը։ Դա մի պատմվածք էր «Որսորդի հիշատակարանից»։ Այդ պատմվածքը ես կարդացել էի, բայց ինձ թվում էր, թե առաջին անգամ եմ կարդում։ Գնալով բնության պատկերներն ուրվագծվում էին ավելի ու ավելի պարզ, գլխումս եղած ծանրությունն անցնում էր։ Դեռ շատ հարբած էի և չէի ուզում աչքերս փակել, որովհետև սենյակը կսկսեր պտտվել։ Եթե շարունակեմ կարդալ, այդ զգացումը կանցնի։
Լսեցի, ինչպես Բրեթն ու Ռոբերտ Կոնը բարձրացան սանդուղքով։ Կոնը Բրեթի սենյակի մոտ նրան բարի գիշեր մաղթեց և միջանցքով քայլեց դեպի իր սենյակը։ Լսեցի, ինչպես Բրեթը մտավ իր սենյակը, որն իմ սենյակի կողքին էր։ Մայքլն արդեն անկողնում էր։ Նա մի ժամ առաջ էր եկել, ինձ հետ։ Երբ Բրեթը ներս մտավ, նա արթնացավ և նրանք սկսեցին խոսել։ Լսեցի, ինչպես էին նրանք ծիծաղում։ Հանգցրի լույսն ու փորձեցի քնել։ Կարդալու կարիք այլևս չկար։ Կարող էի աչքերս փակել և գլխապտույտ չզգալ։ Սակայն քնել չկարողացա։ Զարմանալի է, թե ինչու մթության մեջ ամեն բան երևում է այլ կերպ, ոչ ինչպես լույս ժամանակ։ Էհ, գրողի ծոցը այդ ամենը։
Մի ժամանակ ես այդ մասին շատ էի մտածում, և մոտ մի տարի լույսը չէի հանգցնում քնելիս։ Հիանալի միտք։ Ի դեպ, գրողի ծոցը բոլոր կանայք։ Գրողի ծոցը և դու, Բրեթ Էշլի։
Կանանց հետ ընկերություն անելն այնքա՜ն լավ է։ Նախ և առաջ պետք է սիրահարված լինես կնոջը, որպեսզի ընկերության համար հուսալի հիմք լինի։ Ես Բրեթի հետ ընկերություն էի անում։ Սակայն չէի մտածում այն մասին, թե նա իրեն ինչպես է զգում ինձ հետ։ Փոխարենը ոչինչ չտալով, ինքս ինչ֊որ բան ստանում էի։ Դա միայն մի քիչ հետաձգեց հաշիվը ներկայացնելու ժամկետը։ Սակայն հաշիվը միշտ գալիս է։ Դա մեկն է այն քիչ բաներից, որին միշտ կարելի է վստահ լինել։
Ինձ թվում էր, որ ես վճարել եմ ամեն ինչի համար։ Սակայն ոչ ինչպես կինը, որը շարունակ վճարում է ու վճարում։ Դա ինչ֊որ հատուցում չէ կամ պարտք։ Պարզապես արժեքների փոխանակություն է։ Դու տալիս ես ինչ֊որ բան և փոխարենը ստանում ես մի ուրիշ բան։ Կամ էլ աշխատում ես ինչ֊որ բանի համար։ Այս կամ այն կերպ որևէ լավ բանի համար վճարում ես։ Բոլոր այն բաները, որի համար վճարում էի, մեծ մասամբ ինձ դուր էին գալիս, և ես լավ ժամանակ էի անցկացնում։ Վճարում ես կամ գիտելիքներովդ, կամ փորձով, կամ քեզ վտանգի ենթարկելով, կամ փողով։ Կյանքը վայելել՝ նշանակում է կարողանալ ծախսած փողի դիմաց ստանալ համարժեք բան և գիտակցել այդ։ Իսկ ծախսածդ փողի դիմաց լիովին ստանալ կարելի է։ Աշխարհը իսկական շուկա է։ Թվում է խոր փիլիսոփայական միտք է։ Սակայն հինգ տարի հետո, կարծում եմ, այս թեզս նույնպես ինձ կթվա հիմար, ինչպես մյուս հիանալի մտքերս։
Հնարավոր է, որ դա այդպես չէ։ Միգուցե տարիք առնելով սկսում ես որոշ բաներ հասկանալ։ Ինձ համար միևնույն է, թե աշխարհն ինչ է։ Միակ բանը, որ ուզում եմ իմանալ՝ ինչպես ապրեմ այդ աշխարհում։ Թերևս, եթե իմանաս ինչպես ապրես աշխարհում, կհասկանաս նաև, թե ինչ է աշխարհը։
Ամեն դեպքում, ես չէի ցանկանա, որ Մայքլն այդպես վատ վարվեր Կոնի հետ։ Մայքլը խմել չգիտի։ Բրեթը՝ գիտի։ Բիլլը նույնպես խմել գիտի։ Կոնը երբեք չի հարբում։ Մայքլը հենց որ չափն անցնում է, դառնում է շատ տհաճ։
Ինձ համար հաճելի է, երբ նա վիրավորում է Կոնին։ Բայց և այնպես ավելի լավ է, որ նա այդ չաներ, որովհետև դրանից հետո ես ինքս զզվելի եմ դառնում ինձ համար։ Ուրեմն բարոյականությունը հենց այդ է, որ հետո նման բաները զզվելի են քեզ համար։ Ոչ, ավելի շուտ դա անբարոյականություն է։ Համարձակ պնդում է։ Ինչ հիմարություն ասես գլուխս չի լցվում գիշերները։ Լսում եմ, ինչպես Բրեթը կասեր․ «Դա անհեթեթություն է»։ Անհեթեթություն։ Երբ անգլիացիների հետ ես շփվում, սովորում ես մտածել նրանց արտահայտություններով։ Անգլերեն խոսակցական լեզուն, համենայն դեպս բարձր խավի մարդկանց մոտ, հավանաբար ավելի քիչ բառեր ունի, քան էսկիմոսների լեզուն։ Իհարկե, ես գաղափար չունեմ էսկիմոսների լեզվի մասին։ Հնարավոր է, որ այն շատ լավ լեզու լինի։ Կամ էլ, ասենք, իրոկեզների լեզուն։ Այդ լեզվի մասին նույնպես ոչինչ չգիտեմ։ Անգլիացիների լեզուն ինտոնացիոն արտահայտություններով է ճկուն։ Մի այդպիսի արտահայտությունն ինչ ասես կարող է արտահայտել։ Ես հասկանում եմ անգլիացիներին։ Ինձ դուր է գալիս ինչպես են նրանք խոսում։ Օրինակ, Հարրիսը։ Սակայն Հարրիսը բարձր խավին չի պատկանում։
Նորից լույսը վառեցի և սկսեցի կարդալ։ Կարդում էի Տուրգենև։ Գիտեի, որ չափից ավելի կոնյակ խմելուց առաջացած այս խիստ սրված դյուրընկալության վիճակում այդ ամենը ուժեղ կտպավորվի իմ մեջ, երկար կհիշեմ, և հետագայում ինձ կթվա, թե այդ ամենը ինձ հետ է պատահել։ Դա արդեն ինձնից ոչ ոք չի կարող խլել։ Ահա ևս մի բան, որի համար վճարում ես և որը քեզնից չի կարելի խլել։ Բավական ժամանակ անց, արդեն լուսադեմին, վերջապես քնեցի։
Հաջորդ երկու օրերը Փամփլոնայում շատ խաղաղ էին, ոչ մի վեճ չեղավ։ Քաղաքը պատրաստվում էր ֆիեստայի։ Բանվորները խաչմերուկներում դարպասներ էին դնում, որոնցով առավոտները փակում էին հակառակ կողմի փողոցները, երբ կորրալից բաց թողած ցլերը քաղաքով մեկ վազում էին դեպի կրկես։ Բանվորները փոսեր էին փորում և սյուներ էին տնկում, ամեն սյուն համարակալված էր և իր որոշակի տեղն ուներ։ Քաղաքից դուրս, բարձրահարթին կրկեսի աշխատողները մարզում էին նիհար ձիերին, քաշելով նրանց կրկեսի ետևում արևից կոշտացած գետնի վրա։ Կրկեսի գլխավոր դարպասը բաց էր։ Ներսում մաքրում էին ամֆիթատրոնները։ Կրկեսի հրապարակն արդեն հարթեցված էր և ջուր էր ցանված, և ատաղծագործները սարքում ամրացնում էին արգելապատնեշի այն տեղերը, որ ճաք էին տվել ու թուլացել։ Մրցարանի ծայրից, հարթեցված, ամրացրած ավազի վրա կանգնելով, կարելի էր նայել դեպի վեր՝ դատարկ ամֆիթատրոնը և տեսնել, թե ծեր կանայք ինչպես են մաքրում օթյակների հատակը։
Դրսում արդեն ցանկապատներ էին դրված, որ քաղաքի վերջին փողոցից ձգվում էին մինչև կրկեսի մուտքը, կազմելով երկար անասնանոցի նման մի բան․ ցլամարտի առաջին օրը, առավոտյան ժողովուրդն այդ անցումով պետք է վազի ցլերի առջևից։ Քաղաքից դուրս, հարթավայրին, ուր պետք է լիներ ձիերի և խոշոր եղջերավոր անասունների տոնավաճառը, գնչուները վրաններ էին խփել ծառերի տակ։ Գինի և օղի վաճառողներն իրենց կրպակներն էին դնում։ Մի կրպակի վրա գրված էր «anis de! toro»: Տախտակների վրա ամրացված կտորին գրված այդ անիսյան օղու հայտարարությունը կախված էր հենց շոգ արևի տակ։ Քաղաքի կենտրոնի հրապարակում դեռևս ոչ մի փոփոխություն չկար։ Մենք սրճարանի տեռասում սպիտակ հյուսկեն աթոռներին նստած նայում էինք մոտեցող ավտոբուսներին, որտեղից իջնում էին շուկա եկած գյուղացիները, հետո տեսնում էինք, թե ինչպես են հեռանում ավտոբուսները, որ լցված էին գյուղացիներով՝ քաղաքում կատարած գնումներով լիքը պայուսակն առած։ Հրապարակում կյանքի միակ նշաններն էին բարձր մոխրագույն ավտոբուսները, աղավնիները և փողոցն ու մանրախճով ծածկված հրապարակը կաշեփողրակով ջրող մարդը։
Երեկոյան սկսվում էր paseo֊ն։<ref>Զբոսանքը (իսպ․)։</ref> Ճաշից հետո, մոտավորապես մի ժամ, բոլոր գեղեցիկ աղջիկներն ու տեղական կայազորի սպաները, բոլոր մոդայասեր տղամարդիկ և կանայք զբոսնում էին հրապարակին կից փողոցում, իսկ այդ նույն ժամանակ սրճարանների սեղանները լցվում էին ամեն օր ճաշից հետո այդտեղ հավաքվող մարդկանցով։
Առավոտները սովորաբար նստում էի սրճարանում և կարդում մադրիդյան թերթերը, իսկ հետո քայլում էի քաղաքի փողոցներով, կամ դուրս գալիս քաղաքից։ Երբեմն Բիլլը գալիս էր ինձ հետ, իսկ երբեմն էլ մնում էր իր սենյակում և գրում։ Ռոբերտ Կոնն առավոտները ուսումնասիրում էր իսպաներեն կամ էլ աշխատում էր վարսավիրանոց ընկնել, որ սափրվի։ Բրեթը և Մայքլը կեսօրից առաջ երբեք դուրս չէին գալիս։ Հետո բոլորս սրճարանում վերմուտ էինք խմում։ Ապրում էինք խաղաղ, ոչ ոք չէր հարբում։ Ես մի քանի անգամ եկեղեցի գնացի, մի անգամ Բրեթն էլ ինձ հետ եկավ։ Նա ասաց, որ ուզում է լսել, թե ես ինչպես եմ խոստովանում, սակայն նրան բացատրեցի, որ դա անհնար է, և հետո՝ բնավ հետաքրքիր չէ, ինչպես որ թվում է, ու նաև՝ ես իմ խոստովանությունը կանեմ այն լեզվով, որ նա չգիտի։ Երբ դուրս եկանք եկեղեցուց, հանդիպեցինք Կոնին, ու թեև միանգամայն պարզ էր, որ նա հետևել էր մեզ, նա իրեն պահեց այնքան պարզ ու սիրալիր, որ երեքով գնացինք դեպի գնչուների վրանները, որտեղ գուշակություն արեցին Բրեթին։
Հիանալի առավոտ էր, լեռների գլխին լողում էին բարձր սպիտակ ամպերը։ Գիշերը մի քիչ անձրև էր եկել, բարձրահարթում օդը զով էր, թարմ և այնտեղից հիանալի տեսարան էր բացվում։ Երեքս էլ մեզ լավ էինք զգում, առողջ, և ես բարեկամաբար տրամադրվեցի Կոնի հանդեպ։ Օրն այնքան հրաշալի էր, որ հնարավոր չէր զայրանալ։
Դա վերջին օրն էր ֆիեստայից առաջ։
==Գլուխ տասնհինգերորդ==
Հուլիսի վեցին, կիրակի, ուղիղ կեսօրին ֆիեստան պայթեց։ Այլ կերպ հնարավոր չէ ասել։ Ամբողջ օրը գյուղերից մարդիկ էին գալիս, սակայն ասես սուզվում էին քաղաքում և չէին երևում։ Տաք արևի տակ հրապարակը լուռ էր ու խաղաղ, ինչպես սովորական մյուս օրերին։ Գյուղացիները հավաքվում էին կենտրոնից հեռու ընկած գինու կրպակներում, խմում էին, պատրաստվելով ֆիեստային։ Նրանք հենց նոր էին եկել իրենց հարթավայրերից և լեռնեից, ուստի դեռ ժամանակ էր պետք, որ սովորեն արժեքների այս փոխվելուն։ Նրանք դեռ չէին կարողանում համակերպվել սրճարանների թանկ գներին։ Գինու կրպակներում նրանք ստանում էին լիովին իրենց փողի դիմաց։ Փողը դեռ որոշակի արժեք ուներ, որ որոշվում էր աշխատաժամերով և բուշելներով վաճառված ցորենով։ Ավելի ուշ, ֆիեստայի թեժ ժամանակ, նրանց համար միևնույն կլինի, թե որքան են վճարում և որտեղից են գնում։
Իսկ սուրբ Ֆերմինի առաջին օրը նրանք վաղ առավոտից նստել էին քաղաքի նեղ փողոցների գինու կրպակներում։ Ես գնում էի առավոտյան ժամերգության և ճանապարհին լսում էի նրանց երգը գինու կրպակների բաց դռներից։ Նրանք գնալով տաքանում էին։ Ժամերգությունն սկսվում էր ժամը տասնմեկից, տաճարում շատ մարդ կար։ Սուրբ Ֆերմինի տոնը տեղական սրբատոնի օր է։
Տաճարից դուրս գալով, բլրից իջա ներքև և քայլեցի հրապարակի սրճարանը տանող փողոցով։ Կեսօրին մոտ էր։ Սրճարանում սեղանիկներից մեկի մոտ նստած էին Ռոբերտ Կոնը և Բիլլը։ Մարմարյա սեղաններն ու սպիտակ հյուսկեն աթոռները չկային։ Դրանց փոխարեն դրված էին չուգունե սեղաններ և պինդ, ծալովի աթոռներ։ Սրճարանը նման էր մարտի պատրաստ ռազմանավի։ Այսօր, եթե պատվեր չէիր տալիս, մատուցողները չէին թողնում, որ հանգիստ նստես ու թերթեր կարդաս։ Նստեցի թե չէ, անմիջապես ինձ մոտեցավ մատուցողը․
― Ի՞նչ եք խմելու, ― հարցրեցի Բիլլին ու Ռոբերտին։
― Խերես, ― ասաց Կոնը։
― Jerez, ― ասացի մատուցողին։
Մատուցողը դեռ չէր հասցրել պատվերը բերել, երբ հրապարակի վրա մի հրթիռ բարձրացավ, ավետելով ֆիեստայի սկիզբը։ Հրթիռը բռնկվեց և մոխրագույն ծխի գունդը կախվեց հրապարակի մյուս ծայրում գտնվող «Գայար» թատրոնի վրա։ Ծխի գնդակը կախված էր երկնքում պայթած շրապնելի նման, և մինչ նայում էի այդ գնդին, ևս մի հրթիռ վեր խոյացավ՝ ծխի շիթեր բաց թողնելով պայծառ արևի տակ։ Տեսա դրա վառ բռնկումը երկնքում և նորից ծխի մի ամպիկ։ Երբ երկրորդ հրթիռը վեր խոյացավ, սյունաշարի տակ, որ մի րոպե առաջ դատարկ էր, միանգամից այնքան մարդ հավաքվեց, որ մատուցողը հազիվ մոտեցավ մեր սեղանիկին, շիշը գլխից վերև պահած։ Մարդիկ ամեն կողմից շտապում էին դեպի հրապարակ, և փողոցից լսեցինք մոտեցող դուդուկների, ֆլեյտաների և թմբուկների ձայները։ Նրանք նվագում էին riau-riau, դուդուկները՝ ականջ ծակելով սուր ձայնով, թմբուկները՝ հավասար հարվածներով, իսկ նվագողների ետևից պարելով գալիս էին տղամարդիկ և տղաներ։ Երբ երաժշտությունը լռեց, նրանք բոլորը պպզեցին փողոցի մեջտեղում, իսկ երբ ֆլեյտաները և դուդուկները ճղճղացին և թմբուկները սկսեցին չոր թխկթխկացնել, նորից վեր թռան ու սկսեցին պարել։ Բազմությունն այնքան հոծ էր, որ երևում էին միայն պարողների վեր ու վար անող ուսերն ու գլուխները։
Հրապարակում մի մարդ քայլում էր կռացած ու սրինգ էր փչում, երեխաները աղմուկով վազում էին նրա ետևից ու քաշքշում նրա շորերը, իսկ նա շարունակում էր սրինգը փչել ու փչել։ Նա կտրեց անցավ հրապարակը, իսկ երեխաները շարունակում էին վազել ետևից, հետո անցավ սրճարանի մոտից ու մտավ մի նրբանցք։ Երբ նա սրինգ նվագելով անցնում էր մեր մոտից, տեսանք նրա անմիտ, ծաղկատար դեմքը, ու տեսանք ինչպես երեխաները նրա ետևից վազելով բղավում ու քաշքշում էին նրան։
― Սա երևի տեղի ապուշն է, ― ասաց Բիլլը, ― մի նրան նայեցեք, աստված իմ։
Փողոցով անցնում էին պարողները։ Ամբողջ փողոցը լցված էր պարող տղամարդկանցով։ Նրանք պարում էին դուդուկի ու թմբուկի իրենց սեփական նվագի տակ։ Հավանաբար նրանք ինչ֊որ ակումբից էին, որովհետև բոլորի հագին էլ բանվորական կապույտ վերնաշապիկներ էին և պարանոցի շուրջ փաթաթած կարմիր թաշկինակներ, և երկու ձողի ամրացրած տանում էին մի մեծ դրոշակ։ Շրջապատված բազմությամբ, նրանք մտան հրապարակ, և դրոշակն էլ նրանց պարի հետ վեր ու վար էր լինում։
«Կեցցե գինին։ Կեցցեն օտարերկրացիները», ― գրված էր նրանց դրոշակին։
― Որտե՞ղ են օտարերկրացիները, ― հարցրեց Ռոբերտ Կոնը։
― Օտարերկրացիները մենք ենք, ― ասաց Բիլլը։
Անընդհատ հրթիռներ էին վեր խոյանում։ Սրճարանի բոլոր սեղանները զբաղված էին։ Հրապարակը դատարկվում էր, և մարդիկ լցնում էին սրճարանները։
― Որտե՞ղ են Բրեթն ու Մայքլը, ― հարցրեց Բիլլը։
― Գնամ նրանց բերեմ, ― ասաց Կոնը։
― Բերեք այստեղ։
Ֆիեստան արդեն իսկապես սկսվեց։ Այն շարունակվում էր յոթ օր, գիշեր, ցերեկ։ Շարունակվում էր պարը, շարունակվում էր հարբեցողությունը, աղմուկը չէր դադարում։ Ինչ որ տեղի է ունենում, կարող էր տեղի ունենալ միայն ֆիեստայի ժամանակ։ Ի վերջո ամեն ինչ դարձավ կարծես ոչ իրական, և թվում էր ոչինչ ոչ մի հետևանք չի կարող ունենալ։ Անհեթեթություն էր ֆիեստայի ժամանակ մտածել հետևանքների մասին։ Ամբողջ ժամանակ, նույնիսկ երբ շուրջդ խաղաղ էր, այնպիսի մի զգացում ունեիր, կարծես պետք է բղավեիր, որ քեզ լսեն։ Այդ նույն զգացումն ունեիր ամեն դեպքում, ինչ էլ ուզեիր անել։ Ֆիեստան սկսվել էր և շարունակվում էր յոթ օր։
Ցերեկը կրոնական մեծ թափոր անցավ։ Սուրբ Ֆերմինին եկեղեցուց եկեղեցի էին տանում։ Թափորին մասնակցում էին քաղաքի բոլոր աստիճանավորները՝ քաղաքացիական և հոգևորական։ Մենք նրանց չէինք տեսնում, բազմությունը շատ֊շատ էր։ Թափորի առջևում և վերջում պարում էին riau-riau: Բազմության մեջ առանձնանում էր պարողների խումբը՝ դեղին վերնաշապիկներով։ Միակ բանը, որ մեզ հաջողվեց տեսնել այդ թափորից՝ մայթերն ու հրապարակամերձ փողոցները հեղեղած հոծ բազմության միջից, մի երեսուն ֆուտ բարձրությամբ փայտե հնդկացիներն էին և նույնպիսի մավրերը, թագավորն ու թագուհին, որ հանդիսավոր վալս էին պարում riau-riau հնչյունների տակ։
Բոլորը կանգնած էին մատուռի առջև, ուր սուրբ Ֆերմինի ետևից մտել էին աստիճանավորները, մուտքի մոտ պահակ թողնելով զինվորներին։ Հսկա տիկնիկներն այժմ դատարկ էին, դրանց մեջ պարող մարդիկ կանգնած էին կողքին, իսկ թզուկները իրենց ահռելի փուչիկներով այս ու այնտեղ երևում էին բազմության մեջ։ Մենք ուզում էինք մտնել մատուռ, որտեղից խունկի հոտ էր բուրում և խմբերով դուրս էին գալիս մարդիկ, որ նորից եկեղեցի գնան, սակայն մուտքի մոտ Բրեթին կանգնեցրին, որովհետև նրա գլխին գլխարկ չկար, և մենք ետ դարձանք ու քայլեցինք մատուռից դեպի քաղաք տանող ճանապարհով։ Փողոցի երկու կողմից մայթերին մարդիկ էին հավաքված ու սպասում էին թափորի վերադարձին։ Մի խումբ պարողներ շրջան կազմեցին ու սկսեցին պարել Բրեթի շուրջ։ Նրանց պարանոցներին սպիտակ սխտորից պսակներ էին կախված։ Նրանք բռնեցին իմ և Բիլլի ձեռներից ու մեզ էլ կանգնեցրին շրջանի մեջ։ Բիլլն էլ սկսեց պարել։ Նրանք բոլորը երգում էին։ Բրեթը նույնպես ուզում էր պարել, սակայն չթողեցին։ Ուզում էին պարել Բրեթի շուրջը, ինչպես պատկերի շուրջ։ Երբ երգն ավարտվեց բարձրաձայն riau-riau բացականչյություններով, նրանք մեզ մտցրին գինու կրպակ։
Մոտեցանք վաճառասեղանին։ Նրանք Բրեթին նստեցրին գինու տակառի վրա։ Կիսամութ կրպակում լիքը տղամարդիկ էին, և բոլորը երգում էին ցածր, կոշտ ձայներով։ Վաճառասեղանի ետևում գինին լցնում էին հենց տակառներից։ Ես փող հանեցի գինու համար, սակայն տղամարդկանցից մեկը փողը վերցրեց և դրեց իմ գրպանը։
― Ես գինու տիկ եմ ուզում, ― ասաց Բիլլը։
― Այս փողոցի վրա, քիչ ներքև մի խանութ կա, ― ասացի ես։ Հիմա կգնամ կբերեմ։
Պարողները չէին ուզում ինձ դուրս թողնել։ Նրանցից երեքը նստել էին Բրեթի կողքին՝ տակառին և սովորեցնում էին նրան գինի խմել տիկից։ Բրեթի վզից կախել էին սխտորի պսակ։ Մեկը շարունակ Բրեթի ձեռքն էր խոթում բաժակը։ Մյուսը Բիլլին երգն էր սովորեցնում, երգում էր նրա ականջին։ Երգի տակտով թփթփացնում Բիլլի մեջքին։
Բացատրեցի նրանց, որ հիմա կվերադառնամ։ Կրպակից դուրս գալով իջա փողոցով, փնտրելով այն խանութը, որտեղ գինու տիկեր էին պատրաստում։ Մայթերին լիքը ժողովուրդ էր հավաքված, շատ խանութների փեղկեր ծածկված էին, և ես չէի կարողանում այն խանութը գտնել։ Հասա մինչև եկեղեցի, շարունակ փողոցի երկու կողմերը նայելով։ Հետո բազմության միջից մեկին հարցրեցի, և նա բռնեց թևս ու ինձ բերեց այդ խանութ։ Փակոցափեղկերը ծածկված էին, սակայն դուռը բաց էր։
Ներսում աղած կաշու և տաք ձյութի հոտ էր գալիս։ Մի մարդ անկյունում նստած տրաֆարետով մակագրություններ էր անում պատրաստի տիկերի վրա։ Տիկերը խրձերով կախված էին առաստաղից։ Ինձ այդտեղ բերող մարդը վերցրեց մի տիկ, փչեց, ամուր ամրացրեց կափարիչը և կանգնեց վրան։
― Տեսնո՞ւմ եք։ Հոսք չունի։
― Ինձ մի հատ էլ է պետք, ավելի մեծը։
Նա առաստաղից իջեցրեց մի մեծ տիկ, որի մեջ մի գալլոնից էլ ավել հեղուկ կտաներ, և մոտեցրեց բերանին։ Նրա այտերը տիկի հետ միասին ուռչում էին։ Հետո նա, աթոռից թռնելով, կանգնեց տիկի վրա։
― Սրանք ձեր ինչի՞ն են պետք։ Ուզում եք վաճառե՞լ Բայոննայում։
― Ոչ։ Ուզում ենք տիկից խմել։
Նա թփթփացրեց մեջքիս։
― Լավ մարդ եք երևում։ Երկուսի համար ութ պեսետ։ Ամենաէժան գինը։
Մակագրություններ խփող մարդը նոր տիկեր շպրտեց կույտի մեջ, գլուխը բարձրացրեց։
― Ճիշտ է, ― ասաց նա։ ― Ութ պեսետը շատ էժան է։
Վճարեցի, դուրս եկա խանութից և գնացի այն գինու կրպակը։ Ներսում ավելի մութ էր, և մարդիկ ավելի էին շատացել։ Չտեսա ոչ Բիլլին, ոչ էլ Բրեթին, մեկն ինձ ասաց, որ նրանք ետևի սենյակում են։ Վաճառասեղանի ետև կանգնած աղջիկը գինի լցրեց իմ երկու տիկը։ Մեկը երկու լիտր տարավ։ Մյուսը՝ հինգ լիտր։ Երկու տիկերի գինին արժեր երեք պեսետ և վաթսուն սենտիմո։ Վաճառասեղանի մոտ կանգնած ինչ֊որ մեկը, որին առաջին անգամ էի տեսնում, փորձեց վճարել իմ փոխարեն, սակայն ի վերջո վճարեցի ես։ Այն ժամանակ նա ինձ մի բաժակ գինի հյուրասիրեց։ Նա ինձ թույլ չտվեց, որ ես իրեն հյուրասիրեմ, բայց փոխարենը ուզեց նոր տիկից բերանը թրջել։ Նա բարձրացրեց մեծ, հինգ լիտրանոց տիկը, սեղմեց կողքերից և գինու շիթը փշշալով լցվեց ուղիղ նրա կոկորդը։
― Այսպես, ― ասաց նա և ինձ տվեց տիկը։
Ետևի սենյակում Բրեթը և Բիլլը պարողներով շրջապատված նստած էին տակառներին։ Բոլորը ձեռքները իրար ուսերի էին գցել և երգում էին։ Մայքլը անբաճկոն ինչ֊որ մարդկանց հետ նստած էր մի սեղանի շուրջ և միևնույն ամանից քացախով ու սոխով համեմված ձուկ էր ուտում։ Նրանք գինի էին խմում ու ձեռների հացը թաթախում յուղի ու քացախի մեջ։
― Հելլո, Ջեյք, հելլո, ― ձայն տվեց Մայքը։ ― Եկեք այստեղ։ Ես ուզում եմ ձեզ ծանոթացնել իմ ընկերների հետ։ Մենք այստեղ մի թեթև ուտում ենք։
Ինձ ծանոթացրին սեղանի մոտ նստած մարդկանց հետ։ Նրանք Մայքլին հուշում էին իրենց անունները և մեկին ուղարկեցին ինձ համար պատառաքաղ բերելու։
― Մայքլ, հերիք է նրանց ճաշն ուտես, ― տակառի վրայից ձայն տվեց Բրեթը։
― Ոչ, ես չեմ ուզում ձեզ ճաշից զրկել, ― ասացի, երբ նրանցից մեկը ինձ մեկնեց պատառաքաղը։
― Կերեք, ― ասաց նա։ ― Ինչ եք կարծում, ճաշը ինչի՞ համար է։
Ես բացեցի մեծ տիկի բերանը և մեկնեցի նրանց։ Տիկը ձեռքից ձեռք անցավ։ Բոլորը հերթով խմեցին՝ տիկը վեր պարզած ձեռներին։
Դրսից, ներսի երգերը խլացնելով, լսվում էր անցնող թափորի երաժշտությունը։
― Կարծես թափորն է, չէ՞, ― հարցրեց Մայքը։
― Nada, ― ասաց ինչ֊որ մեկը։ ― Ոչինչ էլ չկա՞։ Խմեք։ Բարձրացրեց շիշը։
― Նրանք ձեզ որտեղի՞ց գտան, ― հարցրի ես Մայքլին։
― Ինչ֊որ մեկն ինձ այստեղ բերեց, ― պատասխանեց Մայքը։ ― Ասացին, որ դուք այստեղ եք։
― Իսկ որտե՞ղ է Կոնը։
― Շատ էր հարբել, ― ձայն տվեց Բրեթը։ ― Նրան ինչ֊որ տեղ տարան։
― Բայց որտե՞ղ է։
― Չգիտեմ։
― Ի՞նչ իմանանք, ― ասաց Բիլլը։ ― Իմ կարծիքով նա մեռել է։
― Նա չի մեռել, ― ասաց Մայքը։ ― Ես գիտեմ, որ նա չի մեռել։ Պարզապես հարբել է Anis del Mono֊ից։
Հենց որ Մայքլն ասաց Anis del Mono, սեղանի շուրջ նստածներից մեկը ծոցից հանեց մի շիշ ու մեկնեց ինձ։
― Ոչ, ― ասացի ես։ ― Ոչ, շնորհակալություն։
― Դե, դե։ Arriba: Խմեք։ Բարձրացեք շիշը։
Ես մի կում արեցի։ Օղուց մատուտակի համ էր գալիս, և այդ մի կումը տաքացրեց ամբողջ մարմինս։ Զգում էի, ինչպես է տաքանում ստամոքսս։
― Գրողը տանի, ո՞ւր է վերջապես Կոնը։
― Չգիտեմ, ― ասաց Մայքը։ ― Հիմա կհարցնեմ։ ― Որտե՞ղ է, մեր այն հարբած ընկերը, ― հարցրեց նա իսպաներեն։
― Ուզո՞ւմ եք նրան տեսնել։
― Այո, ― ասացի։
― Ես չեմ ուզում, ― ասաց Մայքը։ ― Ահա նա է ուզում։
Anis del Mono-ի տերը սրբեց բերանն ու վեր կացավ։
― Գնանք։
Ետևի մի սենյակում Ռոբերտ Կոնը հանգիստ քնած էր իրար միացրած տակառների վրա։ Շատ մութ էր, և նրա դեմքը հազիվ էր երևում։ Նրան ծածկել էին ինչ֊որ մեկի բաճկոնով, իսկ մի ուրիշ բաճկոն էլ դրել էին գլխի տակ։ Պարանոցից կրծքի վրա էր կախվել սխտորի մի մեծ պսակ։
― Թողեք քնի, ― շշնջաց ինձ բերող մարդը, ― շատ է հարբած։
Երկու ժամ անց հայտնվեց Կոնը։ Երբ սենյակ մտավ, վզից դեռ կախված էր սխտորի գլուխներից պսակը։ Իսպանացիները նրան տեսնելով գոռում֊գոչյուն բարձրացրին։ Կոնը տրորեց աչքերն ու ժպտաց։
― Ես կարծես մի քիչ քնել էի, ― ասաց նա։
― Օհ, բոլորովին, ― ասաց Բրեթը։
― Դուք պարզապես մեռած էիք, ― ասաց Բիլլը։
― Մենք չե՞նք ընթրելու, ― հարցրեց Կոնը։
― Դուք ուտե՞լ եք ուզում։
― Այո։ Ինչո՞ւ ոչ։ Ես քաղցած եմ, ― ասաց Կոնը։
― Կերեք այդ սխտորները, Ռոբերտ, ― ասաց Մայքլը, ― լսո՞ւմ եք, կերեք այդ սխտորները։
Կոնը կանգնած էր նույն տեղում։ Նա քունն առել էր և հիմա լրիվ սթափ էր։
― Գնանք մի բան ուտենք, ― ասաց Բրեթը։ ― Ես դեռ լոգանք պիտի ընդունեմ։
― Գնանք, ― ասաց Բիլլը։ ― Բրեթին տանենք հյուրանոց։
Մենք հրաժեշտ տվեցինք շատ ու շատ մարդկանց, սեղմեցինք շատ ու շատ ձեռքեր և դուրս եկանք։ Դրսում մութ էր։
― Ի՞նչ եք կարծում, հիմա ժամը քանի՞սը կլինի, ― հարցրեց Կոնը։
― Արդեն վաղն է, ― ասաց Մայքը։ ― Դուք քնել եք երկու օր։
― Ճիշտ ասեք, ― ասաց Կոնը, ― ժամը քանի՞սն է։
― Ժամը տասն է։
― Ինչքա՞ն խմեցիք։
― Ուզում եք ասել՝ մենք ինչքան խմեցինք։ Դուք որ գնացիք քնելու։
Մութ փողոցներով դեպի հյուրանոց քայլելով, տեսանք, ինչպես դեպի երկինք էին թռչում հրթիռները։ Իսկ երբ մոտենում էինք հյուրանոցին, նրբանցքի վերջում տեսանք հրապարակը, որ հեղեղված էր պարողներին շրջապատած բազմությամբ։
Հյուրանոցում ընթրիքը շատ ճոխ էր։ Դա ֆիեստայի ժամանակ կրկնակի գներով տրվող առաջին ընթրիքն էր, ուստի սովորական կերակրատեսակներին ավելացված էին ևս մի քանի նոր կերակրատեսակներ։ Ընթրիքից հետո քաղաք դուրս եկանք։ Հիշում եմ, որ վճռեցի ամբողջ գիշեր չպառկել, որպեսզի առավոտյան ժամը վեցին տեսնեմ ինչպես են ցլերը վազում փողոցով։ Սակայն քունս սոսկալի տանում էր, և ժամը չորսին մոտ պառկեցի ու քնեցի։ Մնացածները չէին պառկել։
Իմ սենյակը փակ էր, բանալին չկարողացա գտնել, ուստի բարձրացա մի հարկ վերև և պառկեցի Կոնի սենյակում՝ ազատ մահճակալին։ Ամբողջ գիշեր ֆիեստան շարունակվում էր, սակայն քունս այնքան էր տանում, որ չկարողացա արթուն մնալ։ Արթնացա բաց թողնված հրթիռի ձայնից՝ ազդանշան, որ քաղաքի ծայրամասում ցլերին բաց են թողել կորրալից։ Հիմա նրանք քաղաքով մեկ կսուրան փողոցներով դեպի ցլամարտի հրապարակ։ Ես շատ ծանր քնի մեջ էի և երբ արթնացա, զգացի, որ ուշացել եմ։ Կոնի վերարկուն գցեցի վրաս ու դուրս եկա պատշգամբ։ Պատշգամբի տակի նեղլիկ փողոցը ամայի էր։ Բոլոր պատշգամբներում մարդիկ էին լցված։ Հանկարծ փողոցը հեղեղվեց բազմությամբ։ Մարդիկ վազում էին իրար կպած, խմբերով։ Նրանք վազեցին հյուրանոցի առջևով և թեքվեցին ցլամարտի հրապարակ տանող փողոցը, հետո երևացին էլի մարդիկ, որոնք ավելի արագ էին վազում, իսկ դրանից հետո էլ վազում էին մի քանի մարդ, որոնք ետ էին մնացել և հիմա վազում էին ամբողջ ուժով։ Այդ վազող բազմությունից հետո առաջացավ մի փոքրիկ դատարկ տարածություն, և ապա՝ պոզերը թափահարելով սլացան ցլերը։ Նրանք անմիջապես թեքվեցին և միանգամից չքացան տեսադաշտից։ Բազմությունից մի մարդ ընկավ, գլորվեց առվի մեջ ու այդպես էլ մնաց պառկած անշարժ։ Սակայն ցլերը սլացան նրա կողքից և չնկատեցին։ Նրանք վազում էին իրար կպած։
Հենց որ ցլերը կորան տեսադաշտից, ցլամարտի հրապարակից լսվեց ամբոխի մռնչոցը, որ շարունակվում էր երկար ժամանակ։
Հետո վերջապես լսվեց հրթիռի պայթյունը․ այն ազդարարում էր, որ ցլերը ամբոխի միջով անցել են ցլամարտի հրապարակ և այնտեղից մտել կորրալ։ Վերադարձա սենյակ և անկողին մտա։ Ամբողջ ժամանակ ոտաբոբիկ կանգնած էի եղել պատշգամբի քարե հատակին։ Մտածեցի, որ մերոնք բոլորը հավանաբար ցլամարտի հրապարակում կլինեն։ Անկողնի մեջ տաքացա և քնեցի։
Ինձ արթնացրեց Կոնը։ Նա սկսեց հանվել, ապա մոտեցավ ու ծածկեց պատուհանը, որովհետև դիմացի շենքի պատուհանից մարդիկ ուղիղ մեզ էին նայում։
― Տեսա՞ր ներկայացումը, ― հարցրի ես։
― Այո։ Բոլորս այնտեղ էինք։
― Մարդ վնասվե՞ց։
― Մի ցուլ մրցահրապարակում խրվեց մարդկանց մեջ և վեց, թե ութ հոգու տրորեց։
― Բրեթը չվախեցա՞վ։
― Դա այնքան արագ կատարվեց, որ ոչ ոք վախենալու ժամանակ չունեցավ։
― Երանի այնտեղ լինեի։
― Չգիտեինք, դուք որտեղ եք։ Եկանք ձեր սենյակը, բայց փակ էր։
― Իսկ գիշերը որտե՞ղ էիք։
― Պարում էինք ինչ֊որ ակումբում։
― Քունս սոսկալի տանում էր, ― ասացի։
― Գրողը տանի, իսկ ե՜ս ինչպես եմ հիմա ուզում քնել, ― ասաց Կոնը։ ― Այս տոնը երբեք չի՞ վերջանալու։
― Դեռ մի շաբաթ՝ ոչ։
Բիլլը կիսաբացեց դուռն ու գլուխը ներս մտցրեց։
― Որտե՞ղ էիր, Ջեյք։
― Տեսա պատշգամբից, թե ինչպես էին վազում։ Հը, ո՞նց էր։
― Հիանալի։
― Ո՞ւր ես գնում։
― Քնելու։
Մինչև կեսօր ոչ ոք չարթնացավ։ Նախաճաշեցինք սյունաշարի տակ դասավորված սեղաններից մեկի շուրջ։ Քաղաքը մարդկանցով լիքն էր։ Ստիպված էինք սպասել, մինչև սեղան ազատվի։ Նախաճաշից հետո գնացինք Իրունյա սրճարան։ Այստեղ սարսափելի մարդաշատ էր, և որքան մոտենում էր ցլամարտի ժամը, այնքան ավելի ու ավելի մարդիկ էին հավաքվում, սեղանների շուրջ նեղվածք էր։ Սրճարանում լսվում էր բազմաձայն մի գվվոց, ինչպես սովորաբար լինում էր ցլամարտից առաջ։ Ուրիշ ժամանակ որքան էլ սրճարանը լիքը լիներ, այդպիսի գվվոց չէր լսվում։ Գվվոցը գնալով սաստկանում էր, և մենք էլ արդեն նրա մի մասն էինք կազմում։
Ես վեցական տոմսեր էի վերցրել բոլոր մարտերի համար։ Երեքը barrera էին, այսինքն առաջին կարգում, հենց մրցարանի մոտ, իսկ երեքն էլ sobrepuerta-փայտե թիկնակներով աթոռներ ամֆիթատրոնի մեջտեղում։ Մայլքն այն կարծիքին էր, որ առաջին անգամ լավ է Բրեթը նստի մեջտեղի մասում, ավելի բարձր, և Կոնը կամեցավ նրանց հետ նստել։ Ես և Բիլլը պետք է նստեինք barrera֊ում, իսկ ավելորդ տոմսը տվեցի մատուցողին, որ վաճառի։ Բիլլն սկսեց Կոնին բացատրել, թե ինչ պիտի անի և որ կողմը նայի, որ չնկատի ձիերին։ Բիլլը արդեն մի անգամ տեսել էր ցլամարտ։
― Դա ինձ բոլորովին չի հուզում, վախենում եմ միայն, որ ինձ համար ձանձրալի կլինի, ― ասաց Կոնը։
― Այդպե՞ս եք կարծում։
― Ցլի պոզահարելուց հետո ձիուն չնայեք, ― ասացի ես Բրեթին։ ― Նայեք ցլին և տեսեք, թե պիկադորն ինչպես է աշխատում նրան մոտ չթողնել, իսկ հետո, եթե ձին վիրավորված է, չնայեք մինչև չսատկի։
― Ես մի քիչ հուզվում եմ, ― ասաց Բրեթը։ ― Վստահ չեմ, թե կդիմանամ այդ ամենին։
― Շատ լավ կդիմանաք։ Ձիերից բացի, ուրիշ ոչինչ քեզ չի հուզի այնտեղ, դրան նայելն է միայն դժվար, բայց ձիերն էլ ամեն ցլի հետ մի երկու֊երեք րոպե են լինում։ Երբ տեսնեք դժվար է ձեզ համար, պարզապես մի նայեք։
― Ամեն ինչ լավ կլինի, ― ասաց Մայքը։ ― Ես Բրեթին կհետևեմ։
― Կարծում եմ, որ չեք ձանձրանա, ― ասաց Բիլլը։
― Ես գնում եմ հյուրանոց հեռադիատկն ու տիկը բերեմ, ― ասացի։ ― Այստեղ կհանդիպենք։ Միայն թե շատ չխմեք։
― Ես քեզ հետ կգամ, ― ասաց Բիլլը։
Բրեթը ժպտաց մեզ։
Մենք շրջան կատարեցինք և անցանք սյունաշարի տակով, որպեսզի հրապարակը չկտրեինք այրվող արևի տակ։
― Այդ Կոնն ինձ զայրացնում է, ― ասաց Բիլլը։ ― Նրա մեջ այնքան զուտ հրեական մեծամտություն կա, որ նրան թվում է, թե միակ զգացումը, որ ունենալու ցլամարտի ժամանակ՝ ձանձրույթն է։
― Ոչինչ, մենք հեռադիտակով կնայենք նրան, ― ասացի ես։
― Օհ, գրողի ծոցը կորչի նա։
― Արդեն մեծ մասամբ այնտեղ է։
― Թող այնտեղ էլ մնա։
Հյուրանոցի սանդուղքին հանդիպեցինք Մոնտոյային։
― Եկեք, ― ասաց Մոնտոյան։ ― Ուզո՞ւմ եք ծանոթանալ Պեդրո Ռոմերոյին։
― Շատ ենք ուզում, ― ասաց Բիլլը։ ― Գնանք նրա մոտ։
Մոնտոյայի հետ մի հարկ վերև բարձրացանք և քայլեցինք միջանցքով։
― Նա ութերորդ սենյակում է, ― ասաց Մոնտոյան։ ― Նրան հագցնում են ցլամարտի համար։
Մոնտոյան նրա դուռը բախեց և ապա բացեց։ Դա մի կիսամութ սենյակ էր, պատուհանից, որ բացվում էր նեղլիկ փողոցի վրա, լույս քիչ էր թափանցում։ Սենյակում դրված էին երկու մահճակալ, որ իրարից բաժանված էին բարակ միջնորմով։ Էլեկտրական լույսը վառն էր։ Ցլամարտիկի հագուստով երիտասարդը լուրջ դեմքով ձիգ կանգնած էր սենյակում։ Նրա բաճկոնը կախված էր աթոռի թիկնակից։ Արդեն վերջացնում էին գոտին մեջքին փաթաթելը։ Նրա սև մազերը փայլում էին էլեկտրական լույսի տակ, հագին քաթանե սպիտակ վերնաշապիկ էր, ծառան երբ գոտին փաթաթեց ու ամրացրեց, ոտքի կանգնեց և ետ քաշվեց։ Պեդրո Ռոմերոն մի տեսակ ցրված, սակայն մեծ արժանապատվությամբ գլխով ողջունեց մեզ և սեղմեց մեր ձեռքերը։ Մոնտոյան նրան ասաց, որ մենք իսկական aficionado ենք և որ ուզում ենք հաջողություն մաղթել նրան։ Ռոմերոն լուռ լսում էր լրջորեն, հետո դարձավ ինձ։ Այդպիսի գեղեցիկ տղամարդ ես դեռ չէի տեսել։
― Գնում եք ցլամարտի՞, ― հարցրեց նա անգլերեն։
― Դուք խոսո՞ւմ եք անգլերեն, ― հարցրի ես, ինձ հիմար վիճակում զգալով։
― Ոչ, ― պատասխանեց նա և ժպտաց։
Մահճակալներին նստած երեք տղամարդկանցից մեկը մոտեցավ մեզ և հարցրեց, թե խոսո՞ւմ ենք մենք արդյոք ֆրանսերեն։
― Եթե կամենում եք, ես կարող եմ թարգմանել։ Միգուցե դուք որևէ բա՞ն եք ուզում հարցնել Պեդրո Ռոմերոյից։
Մենք շնորհակալություն հայտնեցինք նրան։ Ի՞նչ կարող էինք մենք հարցնել։ Տղան տասնինը տարեկան էր, մենակ, եթե չհաշվենք ծառային և երեք ձրիակերներին, և մի քանի րոպե հետո սկսվելու էր ցլամարտը։ Ասացինք նրան․ «Mucha suerte»,<ref>Հաջողություն ենք մաղթում (իսպ․)։</ref> ձեռքը սեղմեցինք և դուրս եկանք։ Երբ ծածկում էինք դուռը, նա կանգնած էր շատ ուղիղ, գեղեցիկ և օտարացած, մեն֊մենակ սենյակում, որտեղ նստած էին նրա ձրիակերները։
― Հիանալի տղա է, չէ՞, ― հարցրեց Մոնտոյան։
― Նա շատ գեղեցիկ է, ― ասացի ես։
― Արտաքինով նա իսկապես ցլամարտիկ է, ― ասաց Մոնտոյան, ― և իր տեսակով է ցլամարտիկ։
― Հիանալի տղա է։
― Տեսնենք թե մարզահրապարակում ինչպիսին կլինի, ― ասաց Մոնտոյան։
Գինու կաշվե տիկը իմ սենյակում հենած էր պատին։ Վերցրինք այն, վերցրինք դաշտային հեռադիտակը, դուռը փակեցինք և ցած իջանք։
Ցլամարտը շատ հաջող էր։ Ես և Բիլլը հիացած էինք Պեդրո Ռոմերոյով։ Մոնտոյան նստած էր մեզնից մի տասը տեղ այն կողմ։ Երբ Ռոմերոն սպանեց առաջին ցուլին, Մոնտոյան որսաց հայացքս և ինձ գլխով արեց։ Ա՜յ սա իսկական ցլամարտիկ է։ Երկար ժամանակ է, ինչ կարգին ցլամարտիկներ չէին եղել։ Մյուս երկու ցլամարտիկներից մեկը լավն էր, երկրորդը՝ միջակ։ Սակայն նրանցից ոչ մեկին չէր կարելի համեմատել Ռոմերոյի հետ, թեև նրան այնքան էլ լավ ցլեր չէին բաժին ընկել։
Ցլամարտի ժամանակ ես մեկ֊մեկ դառնում էի ու հեռադիտակով նայում Մայքլին, Բրեթին և Կոնին։ Կարծես նրանք իրենց վատ չէին զգում։ Բրեթը հանգիստ տեսք ուներ։ Երեքն էլ հենվել էին իրենց առջև բետոնե բազիրքին։
― Տուր ինձ հեռադիտակը, ― ասաց Բիլլը։
― Հը, կոնը ձանձրանո՞ւմ է, ― հարցրի ես։
― Ա՜յ քեզ հրեա։
Ցլամարտից հետո այդ բազմության միջից հնարավոր չէր դուրս գալ։ Քանի որ հնարավոր չէր դուրս գալ ամբոխի միջից, ստիպված էինք հանձնվել նրա ընթացքին, որը դանդաղ, ասես սառցադաշտի վրա սահեցնելով տանում էր մեզ դեպի քաղաք։ Մենք մի փոքր բորբոքված էինք, որ սովորաբար լինում է ցլամարտից հետո, սակայն և բարձր տրամադրության մեջ, ինչպես միշտ իսկական լավ ցլամարտ տեսնելուց։ Ֆիեստան շարունակվում էր և գնալով թեժանում։ Թնդում էին թմբուկները, դուդուկները ականջ էին խլացնում, և մարդկային հոսանքը շարունակ կանգնեցնում էին պարողների խմբերը։ Պարողները թռչկոտում էին հոծ բազմության մեջ, և հնարավոր չէր տեսնել, թե ինչեր էին անում ոտներով։ Երևում էին միայն վեր ու վար, վեր ու վար անող գլուխներն ու ուսերը։ Ի վերջո դուրս եկանք ամբոխի միջից և քայլեցինք դեպի սրճարան։ Մատուցողը աթոռներ պահեց մյուսների համար, մենք մեկական աբսենթ վերցրինք ու նայում էինք հրապարակում կուտակված բազմությանն ու պարողներին։
― Ինչ ես կարծում, սա ի՞նչ պար է, ― ասաց Բիլլը։
― Կարծես խոտա պարը լինի։
― Նրանք միշտ նույն ձևով չեն պարում, ― ասաց Բիլլը։ ― Տարբեր երաժշտության տակ տարբեր ձևով են պարում։
― Հիանալի են պարում։
Մեր դիմաց, փողոցի ազատ մասում մի խումբ պատանիներ էին պարում։ Նրանք շատ բարդ շարժումներ էին անում, լուրջ և կենտրոնացած դեմքով։ Պարելիս բոլորը նայում էին ցած, իրենց ոտքերին։ Պարանե ներբաններով նրանց կոշիկները դոփում ու թփթփացնում էին սալահատակին։ Ոտնաթաթերը միանում էին, կրունկները միանում էին, կոճերը միանում։ Հետո երաժշտությունը միանգամից ընդհատվեց և պարաքայլը տեղնուտեղը ավարտվեց, և ապա պարողները պարելով շարժվեցին փողոցով։
― Ահա և մեր անվականները, ― ասաց Բիլլը։
Նրանք անցնում էին փողոցը։
― Հելլո, բարեկամներ, ― ասացի ես։
― Հելլո, ջենտլմեններ, ― ասաց Բրեթը։ ― Մեզ համար տեղ պահե՞լ եք։ Ինչ սիրալիր եք։
― Լսեք, ― ասաց Մայքը, ― այդ, ինչպես է անունը, այդ Ռոմերոն իսկապես որ ցլամարտիկ է։
― Նա սքանչելի է, ― ասաց Բրեթը։ ― Հապա այդ կանաչ տաբատը։
― Բրեթն աչքը դրանից չէր կտրում։
― Իմացեք, ես վաղը անպայման կվերցնեմ հեռադիտակը։
― Իսկ ինչպե՞ս էր։ Լա՞վ էր։
― Հրաշալի։ Ուղղակի հրաշք։ Այ դա տեսնելու բան է։
― Հապա ձիե՞րը։
― Չէի կարողանում չնայել նրանց։
― Նա աչքը չէր կտրում ձիերից, ― ասաց Մայքը։ ― Բրեթն իսկապես զարմանալի աղջիկ է։
― Իհարկե, ձիերի հետ արածը սարսափելի է, ― ասաց Բրեթը։ ― Բայց ես չէի կարողանում չնայել։
― Եվ ձեզ վատ չէի՞ք զգում։
― Բոլորովին, բոլորովին վատ չէի զգում։
― Իսկ Ռոբերտ Կոնն իրեն վատ էր զգում, ― մեջ ընկավ Մայքը։ ― Ռոբերտ, դուք պարզապես կանաչել էիք։
― Այո, առաջին ձին ինձ վրա ազդեց, ― ասաց Կոնը։
― Դուք չձանձրացաք, չէ՞, ― հարցրեց Բիլլը։
Կոնը ծիծաղեց։
― Ոչ։ Չձանձրացա։ Կուզեի, որ ներեք ինձ խոսքերիս համար։
― Ոչինչ, ― ասաց Բիլլը, ― եթե միայն ձեզ համար ձանձրալի չի եղել։
― Նա բոլորովին ձանձրացողի նման չէր, ― ասաց Մայքլը։ ― Ինձ թվում էր, թե սիրտը պիտի խառնի։
― Ոչ, ես այդքան վատ չէի։ Մի րոպե միայն ինձ վատ զգացի։
― Ինձ թվում էր, նա ահա ուր որ է ետ կտա։ Բայց դուք չէիք ձանձրանում, չէ՞, Ռոբերտ։
― Բավական է, Մայքլ։ Ինքս ընդունեցի, որ ասածս բանի նման չէր։
― Բայց նա իսկապես վատ էր։ Ուղղակի կանաչել էր։
― Վերջ տվեք, Մայքլ։
― Առաջին ցլամարտին չեն ձանձրանում, Ռոբերտ, ― ասաց Մայքլը։ ― Հիշեք այդ, թե չէ կարող եք վատ վիճակի մեջ ընկնել։
― Դե, վերջ տվեք, Մայքլ, ― ասաց Բրեթը։
― Նա ասում է, որ Բրեթը սադիստ կին է, ― ասաց Մայքլը, ― Բրեթը սադիստ չէ։ Նա պարզապես գեղեցիկ և առողջ կին է։
― Բրեթ, դուք սադի՞ստ եք, ― հարցրեցի ես։
― Կարծում եմ՝ ոչ։
― Նա ասում է Բրեթը սադիստ է այն պատճառով, որ առողջ ստամոքս ունի։
― Երկար առողջ չի մնա։
Բիլլը ուրիշ մի բանի մասին խոսք բացեց և ազատեց Կոնին Մայքլից։ Մատուցողը ըմպանակներով աբսենթ բերեց։
― Ձեզ իսկապե՞ս դուր եկավ ցլամարտը, ― հարցրեց Բիլլը Կոնին։
― Ոչ, չէի ասի, թե շատ դուր եկավ։ Բայց խոստովանում եմ, որ իսկապես արտասովոր հանդես է։
― Գրողը տանի, ի՜նչ հանդես, ― ասաց Բրեթը։
― Լավ կլիներ, որ ձիերը չլինեին, ― ասաց Կոնը։
― Դա կարևոր չէ, ― ասաց Բիլլը։ ― Տհաճը շատ շուտով դադարում ես նկատել։
― Այնուամենայնիվ, սկզբում սարսափելի է, ― ասաց Բրեթը։ ― Ինձ համար ամենասարսափելին այն էր, երբ ցուլը հարձակվում էր ձիու վրա։
― Հիանալի ցլեր էին, ― ասաց Կոնը։
― Լավ ցլեր էին, ― ասաց Մայքը։
― Մյուս անգամ ուզում եմ նստել ներքևում, ― ասաց Բրեթը և ըմպանակից մի կում արեց։
― Նա ուզում է մոտիկից տեսնել ցլամարտիկներին, ― ասաց Մայքը։
― Ա՜յ, իսկական տղամարդիկ, ― ասաց Բրեթը։ ― Այդ Ռոմերոն դեռ երեխա է։
― Նա չափազանց գեղեցիկ երիտասարդ է, ― ասացի ես։ ― Մենք նրա սենյակում էինք։ Այդպիսի գեղեցիկ տղա դեռ չեմ տեսել։
― Ի՞նչ եք կարծում, նա քանի՞ տարեկան է։
― Տասնինը կամ քսան տարեկան կլինի։
― Զարմանք բան։
Հաջորդ օրը ցլամարտը շատ ավելի հետաքրքիր էր, քան առաջին օրը։ Բրեթը նստել էր իմ և Մայքլի միջև barrera֊ում, իսկ Բիլլն ու Կոնը բարձրացան վերև։ Բոլորի հայացքներն ուղղված էին Ռոմերոյին։ Չեմ կարծում, թե Բրեթը մյուս ցլամարտիկներին տեսած լիներ։ Ասենք, ոչ մեկն էլ նրանց չէր տեսնում, բացի ամենամոլի մասնագետներից։ Բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր Ռոմերոյի վրա։ Կային նաև երկու ուրիշ ցլամարտիկներ, բայց նրանք եղած֊չեղած՝ միևնույն էր։ Բրեթի կողքին նստած, նրան բացատրում էի, թե ինչ է տեղի ունենում։ Սովորեցնում էի, որ պետք է նայել ցլերին և ոչ թե ձիերին, երբ ցուլը հարձակվում է պիկադորի վրա, սովորեցնում էի տեսնել, թե ինչպես է պիկադորը նիզակի սուր ծայրը մխրճում ցլի մարմնի մեջ, որպեսզի նա հասկանար, թե ինչ է կատարվում, ինչ է ցլամարտը և ըմբռներ, որ այն աստիճանաբար, զարգացող և մի որոշակի ավարտի գնացող գործողություն է, ոչ թե սոսկ անհեթեթ սարսափներով լի ներկայացում։ Ես նրան ցույց տվեցի, թե ինչպես էր Ռոմերոն իր թիկնոցով ցլին հեռացնում ընկած ձիու կողքից, ու ինչպես նա թիկնոցով կանգնեցնում էր ցլին և ապա շրջում՝ մեղմ ու հանգիստ, առանց ցլին ուժասպառելու։ Բրեթը տեսավ, թե ինչպես Ռոմերոն խուսափում էր կտրուկ շարժումներից և պահպանում էր ցլերին վերջին հարվածի համար, ոչ ուժասպառ էր անում, ոչ էլ գցում, պարզապես կամաց֊կամաց հոգնեցնում էր դրանց։ Նա տեսավ, թե Ռոմերոն ցլին ինչքան մոտ է աշխատում, և ես նրան ցույց տվեցի, թե ինչ միջոցների էին դիմում մյուս ցլամարտիկները, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե մոտ են աշխատում ցլին։ Նա հասկացավ, թե ինչու է իրեն դուր գալիս, երբ Ռոմերոն է աշխատում թիկնոցով, և ինչու դուր չի գալիս, երբ նույն բանն անում են մյուսները։
Ռոմերոն երբեք չէր ծռմռվում, ավելորդ շարժումներ չէր անում, աշխատում էր ձիգ, բնական և անկաշկանդ։ Մյուս ցլամարտիկները բարձրացնում էին արմունկները, ճարպիկ շարժումներով ծռմռվում էին՝ խուսափելով պոզերից և պոզերից խուսափելուց հետո միայն հենվում էին ցլին՝ կեղծ վտանգի տեսարան ստեղծելով։ Սակայն շինծու և ցուցադրական այդ շարժումները տհաճ տպավորություն էին թողնում։ Ռոմերոյի մարտից մարդիկ իսկական հաճույք էին ստանում, որովհետև նրա շարժումները բացարձակ մաքուր էին, գեղեցիկ, և միշտ ցլին մոտ աշխատելով հանդեձ, նա հանգիստ ու անվրդով էր խուսափում կոտոշներից։ Նա պետք չուներ արհեստականորեն ընդգծելու, որ աշխատում էր կոտոշներին շատ մոտ։ Բրեթը հասկացավ, թե ինչու են ցլամարտիկի շարժումները գեղեցիկ, երբ ցլին մոտիկ է կանգնած և ինչու այդ նույն շարժումնեըր ծիծաղելի են, երբ ցլամարտիկը ցլից մի փոքր անգամ հեռու է կանգնած։ Ես նրան պատմեցի, թե ինչպես Խոսելիտոյի մահից հետո բոլոր ցլամարտիկները մարտի մի այնպիսի ձև էին մշակել, որ ստեղծում էր վտանգի երևույթ ու սարսափ էր առաջացնում, մինչդեռ ցլամարտիկն այդ ժամանակ շատ ապահով վիճակում էր։ Ռոմերոն հին դպրոցի վարպետությունն էր ցույց տալիս, պահպանելով շարժման գծերի անթերի մաքրություն՝ իրեն առավելագույն վտանգի ենթարկելով, հմտորեն նախապատրաստելով ցլին վերջին հարվածին, նրան ենթարկելով իր կամքին և հարվածից առաջ արդեն նրան բերելով այն գիտակցության, որ ինքը նրա համար անհասանելի է։
― Ես չտեսա, որ նա մի սխալ շարժում անի, ― ասաց Բրեթը։
― Եվ չես էլ տեսնի, քանի դեռ նա վախ չունի։
― Նա երբեք վախ չի ունենա, ― ասաց Մայքը։ ― Նա չափազանց շատ գիտի։
― Նա հենց սկզբից էլ ամեն ինչ գիտեր։ Ուրիշները ամբողջ կյանքում չեն իմանա այնքան, ինչքան նա գիտեր ծնվելու օրից։
― Աստված իմ և որքան գեղեցիկ է, ― ասաց Բրեթը։
― Կարծում եմ, նա արդեն սիրահարվել է այդ ցլամարտիկին, ― ասաց Մայքը։
― Բնավ չեմ զարմանա։
― Մարդ եղեք, Ջեյք։ Այլևս նրա մասին ոչինչ մի պատմեք։ Պատմեք միայն, թե նրանք ինչպես են ծեծում իրենց ծերացած մայրերին։
― Պատմիր ինձ, թե նրանք ինչպես են խմում։
― Օհ, շատ են խմում, ― ասաց Մայքը։ ― Ամբողջ օրը խմում են ու ծեծում իրենց խեղճ, ծեր մայրերին։
― Նա կարծես հենց այդպիսին է, ― ասաց Բրեթը։
― Իսկապես որ, ― ասացի ես։
Մեռած ցլին մոտ բերեցին ջորիներ և կապեցին այդ ջորիներից, հետո մտրակներ շաչեցին, մարդիկ վազեցին և ջորիները տեղներից պոկվելով առաջ սլացան, իրենց ետևից քարշ տալով ցլին, որ ետ էր գցել գլուխը ցցված մի կոտոշով։ Ցուլը սահելով անցավ մրցահրապարակով, ավազի վրա թողնելով լայն մի հետք ու կարմիր դարպասից ներս սահեց։
― Հիմա ներս կթողնեն ևս մի ցուլ, և վերջ։
― Իսկապե՞ս, ― ասաց Բրեթը։ Նա առաջ եկավ ու արմունկները հենեց արգելապատին։ Ռոմերոն ձեռքի շարժումով իր պիկադորներին նշան արեց անցնել իրենց տեղերը ու կանգնել էր մենակ, թիկնոցը պարզած, մարզահրապարակի վրայով հայացքը սևեռած այն կետին, որտեղից պետք է դուրս գար ցուլը։
Երբ մարտն ավարտվեց, դուրս եկանք ու նորից սկսեցինք շարժվել բազմությանը տրված։
― Այս ցլամարտերը բավականին հոգնեցնում են, ― ասաց Բրեթը։ ― Ես թուլացել եմ, ոնց որ մի լաթի կտոր։
― Օհ, դու հիմա մի բան կխմես, ― ասաց Մայքը։
Հաջորդ օրը Պեդրո Ռոմերոն մարտ չուներ։ Մյուրյան ցլեր էին և մարտը շատ վատ անցավ։ Մյուս օրը ցլամարտ չկար։ Ֆիեստան սակայն շարունակվում էր գիշեր֊ցերեկ։
==Գլուխ տասնվեցերորդ==
Առավոտից անձրև էր սկսվել։ Ծովի վրայից բարձրացած մառախուղը ծածկել էր սարերը։ Սարագագաթները չէին երևում։ Սարահարթը անշուք ու մռայլ տեսք էր ստացել։ Ծառերի և տների ուրվագծերը փոխվել էին։ Դուրս եկա քաղաքից տեսնելու, թե ինչ եղանակ է։ Ծովից սև ամպեր էին բարձրանում դեպի սարերը։
Հրապարակում սպիտակ ձողերից կախված էին դրոշակները, անձրևից թացացած պաստառները քամուց անընդհատ զարկվում էին տների ճակատամասերին, իսկ անձրևը շարունակում էր գալ՝ մեկ մանրամաղ, մեկ ահավոր հորդ, քշելով բոլորին սյունաշարի տակ, հրապարակը ծածկելով ջրափոսերով, փողոցներն էլ թաց էին, մութ և ամայի, սակայն, չնայած եղանակին, ֆիեստան շարունակվում էր։ Միայն թե քաշվել էր ծածկերի տակ։
Հրապարակի բոլոր ծածկված տեղերում բազմություն էր խմբվել։ Անձրևից պատսպարված, մարդիկ նայում էին բիսկայան և նավարյան պարողներին ու երգողներին, հետո Վալ֊Կարլոսի պարողները իրենց ազգային հագուստներով սկսեցին պարել հենց փողոցում, անձրևից խոնավացած թմբուկների խուլ զարկերի տակ, իսկ առջևից խոշոր, հաստաոտ ձիերի թաց ծածկոցներին նստած գնում էին նվագախմբի ղեկավարները, իրենք էլ ոտքից գլուխ թաց։ Սյունաշարի տակի բոլոր սրճարաններն արդեն լեփ֊լեցուն էին մարդկանցով, պարողներ նույնպես եկան այնտեղ ու տեղավորվեցին սեղանիկների մոտ, պարի համար հատուկ ձևով փաթաթված ոտները ձգելով սեղանի տակ, ապա թափ տվեցին զանգուլակներով գլխարկները և աթոռներին փռեցին կարմիր ու մանուշակագույն բաճկոնները, որպեսզի շուտ չորանան։ Դրսում անձրևը սաստկանում էր։
Ես դուրս եկա սրճարանից ու գնացի հյուրանոց, որ սափրվեմ ճաշից առաջ։ Սափրվում էի իմ սենյակում, երբ հանկարծ դուռը բախեցին։
― Մտեք, ― ձայն տվի։
Ներս մտավ Մոնտոյան։
― Ինչպե՞ս եք, ― հարցրեց նա։
― Հիանալի, ― ասացի։
― Այսօր ցլամարտ չկա։
― Այո, ― ասացի, ― այսօր անձրևից բացի, ոչինչ չկա։
― Որտե՞ղ են ձեր ընկերները։
― Իրունյա սրճարանում։
Մոնտոյան ժպտաց ամոթխած ժպիտով։
― Ահա թե ինչ, ― ասաց նա։ ― Դուք գիտե՞ք ամերիկյան դեսպանին։
― Այո, ― ասացի։ ― Ամերիկյան դեսպանին բոլորն էլ գիտեն։
― Նա հիմա այստեղ է։
― Գիտեմ, ― ասացի։ ― Նրան բոլորն արդեն տեսել են։
― Ես էլ եմ նրան տեսել, ― ասաց Մոնտոյան։ ― Ապա լռեց։ Շարունակում էի սափրվել։
― Նստեք, ― ասացի։ ― Հիմա գինի կպատվիրեմ։
― Ոչ, ես պետք է գնամ։
Սափրվելս ավարտեցի, կռացա թասի վրա և դեմքս լվացի սառը ջրով։ Մոնտոյան դեռ կանգնած էր և կարծես սովորականից ավելի շփոթված տեսք ուներ։
― Գիտեք ինչ, ― ասաց նա։ ― Հենց նոր ինձ մոտ էին եկել «Գրանդ֊Օթելից» դեսպանատան աշխատողների կողմից Պեդրո Ռոմեյրոյին և Մարսիալ Լալանդային այսօր երեկոյան մի գավաթ սուրճի հրավիրելու։
― Էհ, ― ասացի ես, ― Մարսիալին դա վնաս չի տա։
― Մարսիալն այսօր ամբողջ օրը Սան֊Սեբաստիանում է։ Նա գնացել է առավոտյան, Մարկեսի հետ։ Հազիվ թե այսօր երեկոյան վերադառնա։
Մոնտոյան կանգնած էր շփոթված։ Սպասում էր, որ մի բան ասեմ։
― Ռոմեյրոյին հրավերը մի հաղորդեք, ― ասացի ես։
― Դուք այդպե՞ս եք կարծում։
― Վստահ։
Մոնտոյան ուրախությունից պայծառացավ։
― Ուզում էի հարցնել ձեզնից, որովհետև դուք ամերիկացի եք, ― ասաց նա։
― Ես այդպես կանեի։
― Հասկանում եք, ― ասաց Մոնտոյան, ― վերցնում են այդպիսի տղային։ Նրանք նրա արժեքը չեն հասկանում։ Չեն հասկանում, թե նա ինչ կարող է դառնալ։ Օտարերկրացու համար ոչինչ չարժե նրան գովելով փչացնել։ Սկսվում է դա «Գրանդ֊Օթելում» մի բաժակ սուրճից, և մի տարի հետո նա արդեն կորած մարդ է։
― Ինչպես Ալգաբենոն, ― ասացի ես։
― Այո, ինչպես Ալգաբենոն։
― Դրանք այդպիսի մարդիկ են, ― ասացի։ ― Այստեղ կա մի ամերիկուհի, որ ցլամարտիկների հավաքածու է ստեղծում։
― Գիտեմ։ Նրանք վերցնում են ամենաերիտասարդներին։
― Այո, ― ասացի։ ― Ծերեը գիրանում են։
― Կամ էլ խելքը թռցնում, ինչպես Գալլոն։
― Դե, ուրեմն, հարցը պարզ է, ― ասացի ես։ ― Հրավերը նրան մի հաղորդեք։
― Նա մի սքանչելի տղա է, ― ասաց Մոնտոյան։ ― Նա պետք է իր մարդկանց հետ մնա։ Նրանց հետ գործ չունի։
― Չե՞ք ուզում մի բան խմել, ― հարցրեցի։
― Ոչ, ― ասաց Մոնտոյան։ ― Պետք է գնամ։
Նա դուրս եկավ։
Իջա ցած, փողոց դուրս եկա և քայլեցի հրապարակը շրջապատող սյունաշարի տակով։ Դեռ անձրևում էր։ Մտա Իրունյա սրճարան մերոնց տեսնելու, սակայն նրանք այնտեղ չէին, և նորից նույն ճանապարհով հյուրանոց վերադարձա։ Նրանք բոլորը նստած ճաշում էին առաջին հարկի ճաշարանում։
Նրանք արդեն շատ էին առաջ անցել ինձնից, և այլևս իմաստ չուներ փորձել նրանց հասնել։ Բիլլը կոշիկ մաքրողներ էր վարձում Մայքլի համար։ Կոշիկ մաքրողները բացում էին դուռը, Բիլլը նրանց ներս էր կանչում և ամեն մեկին առանձին֊առանձին ստիպում էր փայլեցնել Մայքլի կոշիկները։
― Տասնմեկերորդ անգամ են մաքրում կոշիկներս, ― ասաց Մայքլը։ ― Ինձ թվում է, Բիլլը պարզապես ավանակ է։
Այդ լուրը հավանաբար տարածվել էր կոշիկ մաքրողների մեջ, և մի նոր մաքրող էլ եկավ։
― Limpia botas,<ref>Կոշիկները մաքրե՞մ (իսպ․)։</ref> ― հարցրեց նա Բիլլին։
― Ոչ իմը, ― ասաց Բիլլը։ ― Ահա այս պարոնի կոշիկները։
Նա ծունկի եկավ արդեն Մայքլի կոշիկի վրա աշխատող մյուս մաքրողի կողքին և սկսեց մաքրել Մայքլի ազատ կոշիկը, որն առանց այդ էլ փայլում էր էլեկտրական լույսի տակ։
― Տարոօրինակ մարդ է այս Բիլլը, ― ասաց Մայքը։
Ես խմում էի կարմիր գինի, սակայն այնքան էի ետ մնացել նրանցից, որ ինձ մի տեսակ անհարմար վիճակում էի զգում կոշիկ մաքրելու այդ ողջ պատմության մեջ։ Նայեցի շուրջս։ Կողքի սեղանին նստած էր Պեդրո Ռոմերոն։ Երբ նրան գլխով արեցի, նա ոտքի կանգնեց, ինձ իր սեղանի մոտ հրավիրեց և խնդրեց ծանոթանալ ընկերոջ հետ։ Նրանց սեղանը մերին շատ մոտ էր, գրեթե կպած։
Ծանոթացա նրա ընկերոջ հետ, կարճահասակ ու նիհար դեմքով մի մարդու, որ մադրիդյան ցլամարտի քննադատ էր։ Ռոմերոյին ասացի, որ հիացած եմ նրա աշխատանքով, և նա իրեն շատ լավ զգաց։ Խոսում էինք իսպաներեն, իսկ մադրիդյան քննադատը մի քիչ ֆրանսերեն գիտեր։ Ձեռքս մեկնեցի դեպի մեր սեղանը, որ վերցնեմ գինուս շիշը, բայց քննադատը ձեռքս բռնեց։ Ռոմերոն ծիծաղեց։
― Խմեք մեզ հետ, ― ասաց նա անգլերեն։
Նա շատ էր ամաչում իր անգլերենից, բայց սիրում էր խոսել անգլերեն և քիչ անց սկսեց ինձ հարցնել բառեր, որոնց նշանակությանը վստահ չէր։ Նա շատ էր ուզում իմանալ, թե ինչպես կլինի Corrida de toros֊ի անգլերեն իսկական թարգմանությունը։ Անգլերեն անվանումը, որ նշանակում էր «ցլամարտ», նրան այնքան էլ ճիշտ չէր թվում։ Ես բացատրեցի, որ «ցլամարտ» իսպաներեն կլինի lidian toro: Իսպաներեն corrida բառը անգլերեն կլինի ցլավազք։ Իսկ ֆրանսերեն՝ Course de taureaux, միջամտեց քննադատը։ Ցլամարտի համար իսպաներեն բառ չկա։
Պեդրո Ռոմերոն ասաց, որ անգլերեն ինքը մի քիչ սովորել է Ջիբրալթարում։ Նա ծնվել է Ռոնդոյում։ Դա Ջիբրալթարի մոտերքում է։ Ցլամարտ սկսել է սովորել Մալագայում, այնտեղի ցլամարտի դպրոցում։ Այդ դպրոցում նա սովորել է երեք տարի միայն։ Քննադատը կատակով ծաղրում էր նրան, ոչ չափից շատ է մալագյան արտահայտություններ օգտագործում։ Ռոմերոն ասաց, որ տասնինը տարեկան է։ Մեծ եղբայրն աշխատում է իր հետ որպես բանդերիլյերո, բայց ապրում է ոչ այս հյուրանոցում, այլ ուրիշ, ավելի փոքրիկ հյուրանոցում իրեն օգնող մյուս մարդկանց հետ։ Նա ինձ հարցրեց, թե քանի անգամ եմ տեսել իրեն մարտի ժամանակ։ Ասացի՝ երեք անգամ։ Հետո տեղնուտեղը հիշեցի, որ միայն երկու անգամ եմ տեսել, բայց այլևս չուզեցի սխալս ուղղել։
― Որտե՞ղ ես տեսել ինձ առաջ, Մադրիդո՞ւմ։
― Այո, ― ստեցի ես։ Սպորտային ամսագրերում կարդացել էի Մադրիդում նրա երկու ելույթների մասին, ուստի ինձ ապահով էի զգում։
― Առաջի՞ն ելույթն եք տեսել, թե երկրորդը։
― Առաջինը։
― Ես շատ վատ էի աշխատում, ― ասաց նա։ ― Երկրորդի ժամանակ ավելի լավ էր։ Հիշո՞ւմ եք, ― դիմեց նա քննադատին։
Նա ամենևին շփոթված չէր։ Խոսում էր իր աշխատանքի մասին այնպես, ասես կողմնակի աչքով նայեր իրեն։ Նրա մեջ ոչ մի կաթիլ սնապարծություն, պարծենկոտություն չկար։
― Շատ ուրախ եմ, որ ձեզ դուր է գալիս, թե ինչպես եմ աշխատում, ― ասաց նա։ ― Բայց դուք դեռ իմ իսկական մարտը չեք տեսել։ Վաղը, եթե լավ ցուլ լինի, հուսով եմ, ինձ կհաջողվի ցույց տալ իմ իսկական աշխատանքը։
Այդ ասելիս նրա դեմքին մի անհանգիստ ժպիտ երևաց, ասես վախենում էր, թե ես ու քննադատը կարող ենք մտածել, որ գլուխ է գովում։
― Ես անհամբեր սպասում եմ այդ տեսնելու, ― ասաց քննադատը։ ― Շատ եմ ուզում, որ ինձ համոզեք։
― Նա այնքան էլ չի հավանում իմ աշխատանքը, ― ասաց Ռոմերոն։ Նա շատ լուրջ տեսք ուներ։
Քննադատը բացատրեց, որ շատ է հավանում Ռոմերոյի աշխատանքը, սակայն գտնում է, որ այն ավելի ավարտուն պետք է լինի, ինչ֊որ բան դեռ պակասում է։
― Եթե ինձ լավ ցուլ վիճակվի, վաղը կտեսնեք։
― Դուք տեսե՞լ եք վաղվա ցլերին, ― հարցրեց ինձ քննադատը։
― Այո։ Տեսել եմ բեռնաթափելիս։
Պեդրո Ռոմերոն առաջ հակվեց։
― Եվ ի՞նչ կարծիքի եք։
― Շատ լավն են, ― ասացի։ ― Բոլորը՝ մոտ քսանվեց արրոբա։ Շատ կարճ պոզեր ունեն։ Դուք դեռ չե՞ք տեսել։
― Տեսել եմ, իհարկե, ― ասաց Ռոմիրոն։
― Դրանք քսանվեց արրոբա չեն լինի, ― ասաց քննադատը։
― Ոչ, ― ասաց Ռոմերոն։
― Պոզերի փոխարեն գլխներին բանաններ են, ― ասաց քննադատը։
― Ձեր կարծիքո՞վ էլ են դրանք բանաններ, ― հարցրեց Ռամիրոն՝ դեպի ինձ թեքվելով։ ― Դուք դրանց բանաններ չեք ասում, չէ՞։
― Ոչ, ― ասացի, ― սովորական պոզեր են։
― Շատ կարճ են, ― ասաց Պեդրո Ռոմերոն։ ― Շատ, շատ կարճ են։ Բայց համենայն դեպս, բանաններ չեն։
― Լսեք, Ջեյք, ― ձայն տվեց Բրեթը կողքի սեղանից։ ― Դուք ինչո՞ւ եք մեզ լքել։
― Միայն ժամանակավորապես, ― ասացի։ ― Մենք ցլերից ենք խոսում։
― Ձեզ մի երևակայեք։
― Ասացեք նրան, որ ցլերը պոզեր չունեն, ― բղավեց Մայքլը։ Նա հարբած էր։
Ռոմերոն հարցական նայեց ինձ։
― Նա հարբած է, ― ասացի ես։ ― «Borracho! Muy borracho»!
― Դուք պետք է մեզ ծանոթացնեք ձեր ընկերների հետ, ― ասաց Բրեթը։ Նա աչքը չէր կտրում Պեդրո Ռոմերոյից։ Ես նրան հարցրի, արդյոք չե՞ն կամենա մեզ հետ սուրճ խմել։ Երկուսն էլ վեր կացան։ Ռոմերոյի դեմքը շատ թուխ էր։ Նա շատ գեղեցիկ պահվածք ուներ։
Ես նրանց մեկ֊մեկ ծանոթացրի բոլորի հետ, և նրանք արդեն ուզում էին նստել մեզ հետ, սակայն աթոռները չբավարարեցին, ուստի բոլորս տեղափոխվեցինք սուրճ խմելու պատի մոտի սեղանին։ Մայքլը մի շիշ ֆունդագո պատվիրեց և բաժակներ բոլորի համար։ Հարբած, հարբած շատ դուրս տվեցին։
― Ասա նրան, որ իմ կարծիքով գրելը գարշելի զբաղմունք է, ― ասում էր Բիլլը։ ― Դե, ասա, ասա նրան։ Ասա նրան, որ ես ամաչում եմ իմ գրող լինելուց։
Պեդրո Ռոմերոն նստել էր Բրեթի կողքին ու լսում էր նրան։
― Դե, ասա նրան, ― բղավում էր Բիլլը։
Ռոմերոն ժպտալով գլուխը բարձրացրեց։
― Այս պարոնը, ― ասացի ես, ― գրող է։
Ռոմերոյի վրա դա տպավորություն գործեց։
― Ահա այս պարոնը նույնպես գրող է, ― ասացի ես՝ մատնացույց անելով Կոնին։
― Նա նման է Վիլյալտային, ― ասաց Ռոմերոն, նայելով Բիլլին։ ― Նա նման է Վիլյալտային, չէ՞, Ռաֆայել։
― Չէի ասի, ― պատասխանեց քննադատը։
― Իսկապես, ― ասաց Ռոմերոն իսպաներեն, ― նա շատ նման է Վիլյալտային։ Իսկ հարբած պարո՞նն ինչ է անում։
― Ոչինչ։
― Ա՞յդ պատճառով է խմում։
― Ոչ։ Նա պատրաստվում է ամուսնանալ այս սինյորայի հետ։
― Ասացեք նրան, որ ցլերը պոզեր չունեն, ― բղավեց սեղանի մյուս ծայրից արդեն շատ հարբած Մայքը։
― Նա ի՞նչ է ասում։
― Հարբած է։
― Ջեյք, ― բղավեց Մայքը, ― ասացեք նրան, որ ցլերը պոզեր չունեն։
― Դուք հասկանո՞ւմ եք, ― հարցրի ես։
― Այո։
Ես վստահ էի, որ նա չէր հասկացել, ուստի և հանգիստ էի։
― Ասացեք նրան, որ Բրեթն ուզում է տեսնել, թե նա ինչպես է հագնում այն կանաչ շալվարը։
― Բավական է, Մայք։
― Ասացեք նրան, որ Բրեթը պարզապես մեռնում է, որ տեսնի, թե նա ինչպես է մտնում այդ շալվարի մեջ։
― Վերջ տվեք։
Այդ ամբողջ ընթացքում Ռոմերոն բաժակը ձեռքին խաղացնելով խոսում էր Բրեթի հետ։ Բրեթը խոսում էր ֆրանսերեն, իսկ նա խոսում էր իսպաներեն ու մի քիչ էլ անգլերեն և ծիծաղում էր։
Բիլլը լցնում էր բաժակները։
― Ասացեք նրան, որ Բրեթը ուզում է․․․
― Օհ, ձայնդ կտրիր, Մայք, բավական է, ի սեր աստծո։
Ռոմերոն նայեց մեզ և ժպտաց։
― Բավական է։ Ես դա հասկացա, ― ասաց նա։
Այդ պահին ներս մտավ Մոնտոյան։ Նա արդեն ուզում էր ժպտալ ինձ, սակայն իսկույն էլ տեսավ, թե ինչպես Պեդրո Ռոմերոն ուրախ ծիծաղում է մեծ ըմպանակով կոնյակը ձեռքին, տեսավ նրան իմ և ուսերը մերկ մի կնոջ միջև, հարբած մարդկանց սեղանի շուրջ նստած։ Նա ինձ նույնիսկ գլխով էլ չարեց։
Մոնտոյան դուրս եկավ սենյակից։ Մայքը ոտքի կանգնեց, պատրաստվելով բաժակաճառի։
― Եկեք խմենք․․․ ― սկսեց նա։
― Պեդրո Ռոմերոյի կենացը, ― ասացի ես։ Բոլորը ոտքի ելան։ Ռոմերոն կենացը շատ լուրջ ընդունեց, բոլորս բաժակ֊բաժակի խփեցինք և դատարկեցինք մինչև վերջ, ընդ որում ես ջանում էի որքան կարելի է շուտ ավարտել կենացը, քանի որ Մայքլը փորձում էր բացատրել, որ նա բնավ այդ կենացը չէր մտադիր խմելու։ Բարեբախտաբար ամեն ինչ լավ վերջացավ, Պեդրո Ռոմերոն սեղմեց մեր բոլորի ձեռքերն ու դուրս եկավ քննադատի հետ։
― Աստված իմ, ինչ հիանալի տղա է, ― ասաց Բրեթը։ ― Որքան կուզեի տեսնել, թե նա ինչպես է մտնում իր զգեստի մեջ։ Երևի կոշիկի թիակ է օգտագործում հագնվելիս։
― Ես հենց ուզում էի ասել նրան, ― սկսեց Մայքը, ― իսկ Ջեյքն ինձ շարունակ ընդհատում էր։ Ինչո՞ւ էիք ինձ ընդհատում։ Ինչ է, կարծում եք ինձնից լա՞վ եք խոսում իսպաներեն։
― Ձայնդ կտրիր, Մայք։ Քեզ ոչ ոք չի ընդհատել։
― Ոչ, ես ուզում եմ պարզել այս հարցը։ ― Նա շուռ եկավ ինձնից։ ― Իսկ դուք, Կոն, ինչ է, կարծում եք մեծ բա՞ն եք ձեզնից ներկայացնում, որ ձեր տեղն այստեղ, մեր մեջ լինի։ Մեզ նման մարդկանց մեջ, որ եկել են այստեղ լավ ժամանակ անցկացնելու։ Ի սեր աստծու, Կոն, այդպես մի աղմկեք։
― Դե լավ, բավական է, Մայք, ― ասաց Կոնը։
― Ձեզ թվում է, թե դուք այստեղ պե՞տք եք Բրեթին։ Կարծում եք ձեզ հետ ավելի ուրա՞խ է։ Ինչո՞ւ ոչինչ չեք ասում։
― Ինչ որ պետք է ասեի, Մայք, արդեն ասել եմ ձեզ անցյալ օրը։
― Ես, իհարկե, ձեզ պես գրող չեմ։ ― Մայքլն օրորվում էր ու հազիվ հենվել էր սեղանին։ ― Ոչ էլ հանճարեղ խելքի տեր եմ։ Սակայն ես գիտեմ, թե երբ եմ ավելորդ։ Դուք ինչո՞ւ դա չեք հասկանում, Կոն։ Գնացեք, աստծու սիրույն, գնացեք։ Ազատեք մեզ ձեր այդ վշտահար հրեական կերպարանքից։ Չէ որ ես ճիշտ եմ ասում։
Նա նայեց մեզ։
― Իհարկե, ճիշտ ես, ― ասացի։ ― Եկեք բոլորս գնանք Իրունյա սրճարան։
― Ոչ, մի՞թե ես ճիշտ չեմ։ Ես սիրում եմ այս կնոջը։
― Օհ, նորից մի սկսիր։ Բավական է, Մայքլ, ― ասաց Բրեթը։
― Դուք չե՞ք գտնում, որ ես ճիշտ եմ, Ջեյք։
Կոնը դեռ նստած էր սեղանի մոտ։ Նրա դեմքը հիվանդագին դեղնել էր, ինչպես միշտ, երբ նրան վիրավորում էին, բայց և թվում էր, թե նա հաճույք էր ստանում դրանից։ Նա իրեն մխիթարում էր երեխայական միամիտ հերոսությամբ, իբր այդ ամենի պատճառն իր կապն էր տիտղոսավոր կնոջ հետ։
― Ջեյք, ― ասաց Մայքլը։ Նա համարյա լաց էր լինում։ ― Դուք գիտեք, որ ես ճիշտ եմ։ Ինձ լսեք, ― նա դարձավ դեպի Կոնը։ ― Հեռացեք այստեղից։ Գնացեք, հեռացեք այստեղից։
― Բայց ես չեմ գնա, Մայք, ― ասաց Կոնը։
― Ես կստիպեմ ձեզ, որ գնաք։
Մայքլը շարժվեց դեպի Կոնը։ Կոնը ոտքի կանգնեց և հանեց ակնոցը։ Նա կանգնել էր պատրաստ, գունատ֊դեղնած, ձեռքերը կախ, կանգնել էր հպարտ ու անվախ սպասելով հարձակման, պատրաստ կռվելու իր սիրած կնոջ համար։
Ես բռնեցի Մայքլին։
― Գնանք սրճարան, ― ասացի։ ― Դուք հո չե՞ք կարող նրան խփել այստեղ, հյուրանոցում։
― Հիանալի, ― ասաց Մայքլը։ ― Հիանալի միտք է։
Քայլեցինք դեպի դուռը։ Մինչ Մայքլը սայթաքելով բարձրանում էր աստիճաններով, ես ետ նայեցի և տեսա, որ Կոնը նորից դնում է ակնոցը։ Բիլլը սեղանին նստած ֆունդադոր էր լցնում իր բաժակը։ Բրեթը նստել, ուղիղ իր դիմաց էր նայում։
Երբ հրապարակ դուրս եկանք, անձրևն արդեն դադարել էր, և լուսինը փորձում էր դուրս նայել ամպերի միջից։ Զգալի քամի էր։ Նվագում էր զինվորական նվագախումբը և հրապարակի հեռավոր ծայրում ժողովուրդը հավաքվել էր հրարվեստավորի և նրա որդու շուրջ, որոնք տաքացած օդով գնդակներ էին բաց թողնում։ Գնդակները միանգամից մեծ թեքությամբ բարձրանում էին, և քամին կամ պատռտում էր դրանք, կամ էլ քաշում ու խփում հրապարակի տներից որևէ մեկին։ Երբեմն դրանք ընկնում էին հավաքված մարդկանց վրա։ Մագնեզիումը բռնկվում էր, գնդակները պայթում էին, և մարդիկ այս ու այն կողմ էին փախչում։ Հրապարակում ոչ ոք չէր պարում, մանրախիճը շատ թաց էր։
Բրեթը Բիլլի հետ դուրս եկավ հյուրանոցից և միացավ մեզ։ Բազմության մեջ կանգնած նայում էինք հրավառության արքա դոն Մանուել Օրկիտոյին, որը մի փոքր բարձրության վրա կանգնել էր մարդկանցից վերև և փայտերով զգուշությամբ հրում էր փուչիկներն ու բաց թողնում քամու ուղղությամբ։ Քամին պատռում էր բոլոր փուչիկները, և դոն Մանուել Օրկիտոյի դեմքը քրտնքից փայլում էր իր սարքած բարդ հրավառության լույսի տակ, որ ընկնում էր մարդկանց վրա, պայթում, ֆշշում և կայծեր թողնելով ճտճտում նրանց ոտքերի տակ։ Ամեն անգամ, հենց որ լուսավոր թղթե փուչիկը կուչ էր գալիս, բռնկվում և ընկնում էր, մարդկանց մեջ գոռում֊գոչյուն էր բարձրանում։
― Նրանք ծիծաղում են դոն Մանուելի վրա, ― ասաց Բիլլը։
― Ի՞նչ գիտեք, որ նրա անունը դոն Մանուել է, ― հարցրեց Բրեթը։
― Նրա անունը գրված է ծրագրում։ Դոն Մանուել Օրկիտո, հրարվեստավոր esta ciudad:<ref>Այս քաղաքի (իսպ․)։</ref>
― Globos illuminados,<ref>Լուսավորվող փուչիկներ (իսպ․)։</ref> ― ասաց Մայքլը։ ― Globos illuminados֊ի մի ամբողջ հավաքածու։ Այդպես է գրված ծրագրում։
Քամին քշում էր նվագախմբի ձայները։
― Գոնե մեկը բարձրանար, ― ասաց Բրեթը։ ― Այդ դոն Մանուելն ուղղակի կաշվից դուրս է գալիս։
― Նա հավանաբար մի քանի շաբաթ չարչարվել ու պատրաստվել է, որ դրանք օդ բարձրանան և օդում գրեն․․․ «Փառք սուրբ Ֆերմինին», ― ասաց Բիլլը։
― Globos ulluminados, ― ասաց Մայքլը։ ― Մի ահագին անհեթեթ glibos illuminados֊ներ։
― Գնանք, ― ասաց Բրեթը։ ― Այստեղ պետք չի կանգնել։
― Նորին պայծառափայլությունն ուզում է խմել, ― ասաց Մայքլը։
― Ինչպե՞ս հասկացար, ― ասաց Բրեթը։
Սրճարանում մարդաշատ էր և շատ աղմկոտ։ Ոչ ոք մեզ վրա ուշադրություն չդարձրեց։ Ազատ սեղան չկարողացանք գտնել։ Ներսում ահավոր աղմուկ էր։
― Գնանք այստեղից, ― առաջարկեց Բիլլը։
Դրսում սյունաշարի տակ շարունակվում էր խրախճանքը։ Տեղ֊տեղ սեղանների մոտ նստած էին անգլիացիներ և ամերիկացիներ՝ սպորտային հագուստներով․ նրանք հավանաբար եկել էին Բիարրիցից։ Կանանցից շատերը լոռնետով ուսումնասիրում էին ֆիեստա անողներին։ Մենք հանդիպեցինք Բիարրիցից եկած մի աղջկա, որի հետ վերջերս մեզ ծանոթացրել էր Բիլլը։ Նա ընկերուհու հետ ապրում էր «Գրանդ֊Օթելում»։ Ընկերուհու գլուխը ցավում էր և գնացել էր քնելու։
― Ահա և պանդոկ, ― ասաց Մայքը։
Դա «Միլան» բարն էր, փոքրիկ, ետին կարգի մի պանդոկ, որտեղ կարելի էր մի բան ուտել, և որտեղ ետևի սենյակում պարում էին։ Բոլորս նստեցինք սեղանի շուրջ և մի շիշ ֆունդադոր պատվիրեցինք։ Բարն այնքան էլ լիքը չէր։ Եվ չէր զգացվում, թե այստեղ էլ էին զվարճանում։
― Օհ, սա տխուր տեղ է, ― ասաց Բիլլը։
― Դեռ շատ շուտ է։
― Եկեք շիշը վերցնենք և գանք ավելի ուշ, ― ասաց Բիլլը։ ― Չեմ ուզում այստեղ նստել այսպիսի երեկո։
― Հետ գնանք և նայենք անգլիացիներին, ― ասաց Մայքլը։ ― Սիրում եմ նայել անգլիացիներին։
― Նրանք անտանելի են, ― աաց Բիլլը։ ― Որտեղի՞ց են հայտնվել։
― Եկել են Բիարրիցից, ― ասաց Մայքը։ ― Եկել են նայելու զվարճալի փոքրիկ իսպանական ֆիեստան։
― Ես նրանց ֆիեստա ցույց կտամ։
― Դուք սարսափելի գեղեցիկ աղջիկ եք, ― դարձավ Մայքլը Բիլլի ծանոթ աղջկան։ ― Ե՞րբ եք եկել այստեղ։
― Վե՛րջ տուր, Մայքլ։
― Լսեք, բայց չէ որ նա սքանչելի է։ Որտե՞ղ էի ես, ո՞ւր էի նայում այս ամբողջ ժամանակ։ Դուք ուղղակի հրաշք եք։ Մենք առաջ հանդիպե՞լ ենք։ Եկեք իմ և Բիլլի հետ։ Մենք գնում ենք անգլիացիներին ֆիեստա ցույց տանք։
― Ես նրանց ֆիեստա ցույց կտամ, ― ասաց Բիլլը։ ― Գրողը տանի, ինչ գործ ունեն այստեղ։
― Գնանք, ― ասաց Մայքը։ ― Միայն մենք երեքով։ Գնանք սև ֆիեստա ցույց տանք այդ կեղտոտ անգլիացիներին։ Հուսով եմ դուք անգլիացի չեք, չէ՞։ Ես շոտլանդացի եմ։ Ատում եմ անգլիացիներին։ Ես հիմա նրանց ֆիեստա ցույց կտամ։ Գնա՛նք, Բիլլ։
Պատուհանից տեսանք, ինչպես նրանք ձեռք֊ձեռքի քայլեցին դեպի սրճարան։ Հրապարակի գլխին հրթիռներ էին բարձրանում։
― Ես դեռ կմնամ այստեղ, ― ասաց Բրեթը։
― Ես էլ կմնամ ձեզ հետ, ― ասաց Կոնը։
― Օ, ոչ, ― ասաց Բրեթը։ ― Ի սեր աստծու, պետք չէ, գնացեք որևէ տեղ։ Չե՞ք հասկանում, որ ես և Ջեյքը խոսելու բան ունենք։
― Ես դա չգիտեի, ― ասաց Կոնը։ ― Պարզապես ուզում էի այստեղ նստել, որովհետև մի քիչ խմած եմ։
― Չափազանց անհեթեթ պատճառ ուրիշների հետ նստելու համար։ Եթե հարբած եք, գնացեք հյուրանոց և քնեք։ Գնացեք և քնեք։
― Ես նրա հետ շա՞տ կոպիտ էի, ― հարցրեց Բրեթը Կոնի գնալուց հետո։ ― Տեր իմ։ Ինչպես է նա ինձ ձանձրացրել։
― Այո, նա ուրախություն չի ճառագում։
― Նրա ներկայությունը նեղում է ինձ։
― Նա իրեն շատ վատ է պահում։
― Սարսափելի վատ։ Բայց հնարավորություն ուներ ցույց տալու, թե ինչպես պետք է պահել։
― Նա երևի հիմա էլ սպասում է դռան ետևում։
― Այո, հնարավոր է։ Հիմա արդեն հասկանում եմ, թե նրա հետ ինչ է կատարվում։ Նա չի կարողանում հավատալ, որ այն ամենը ոչինչ էր։
― Գիտեմ։
― Ուրիշ ոչ մեկն իրեն այդպես չէր պահի։ Ահ, ես հոգնել եմ այդ ամենից։ Եվ Մայքլից նույնպես։ Նա էլ պակասը չէ։
― Մայքլի համար շատ դժվար է։
― Այո։ Սակայն դա չի նշանակում, որ նա իրեն խոզավարի պետք է պահի։
― Բոլորն էլ իրենց վատ են պահում, ― ասացի ես։ ― Բավական է առիթ ներկայանա։
― Բայց դու քեզ այդպես չէիր պահի։ ― Բրեթը նայեց ինձ։
― Ես էլ Կոնի նման ավանակ կերևայի։
― Սիրելիս, ինչո՞ւ ենք մենք հիմար բաներ խոսում։
― Լավ։ Խոսիր ինչ ուզում ես։
― Մի բարկանա։ Ես քեզնից բացի ոչ ոք չունեմ, իսկ այս գիշեր ես ինձ շատ վատ եմ զգում։
― Դու ունես Մայքլին։
― Այո, Մայքլին։ Շատ լավն է, չէ՞։
― Հասկացիր, ― ասացի։ ― Մայքլի համար շատ ծանր է տեսնել, ինչպես Կոնը շարունակ պտտվում է քո շուրջը։
― Ինքս էլ դա գիտեմ, սիրելիս։ Խնդրում եմ այնպես մի արա, որ ինձ ավելի վատ զգամ։
Բրեթը խիստ նյարդայնացած վիճակում էր, ես երբեք նրան այդպես չէի տեսել։ Նա շարունակ խուսափում էր իմ հայացքներից և նայում էր դիմացի պատին։
― Ուզո՞ւմ ես դուրս գանք մի քիչ քայլենք։
― Այո։ Գնանք։
Փակեցի ֆունդադորի շիշն ու տվեցի բուֆետապանին։
― Մի քիչ էլ խմենք, ― ասաց Բրեթը։ ― Նյարդերս սարսափելի վիճակում են։
Խմեցինք մի֊մի ըմպանակ ոչ թունդ անուշաբույր կոնյակ։
― Գնանք, ― ասաց Բրեթը։
Երբ դուրս եկանք, տեսա Կոնին, որ դուրս էր գալիս սյունաշարի տակից։
― Խնդրեմ, նա այստեղ է, ― ասաց Բրեթը։
― Նա չի կարողանում հեռանալ քեզնից։
― Խե՜ղճ մարդ։
― Ես բոլորովին չեմ խղճում նրան։ Ես նրան ատում եմ։
― Ես էլ, ― Բրեթը ցնցվեց, ― ատում եմ նրա տառապանքները։
Բռնեցի նրա թևը և քայլեցինք նեղլիկ մի փողոցով, հրապարակի բազմությունից ու լույսերից հեռու։ Փողոցը մութ էր, թաց, ու մենք գնացինք դեպի քաղաքի ծայրամասի ամրությունները։ Անցնում էինք գինու կրպակների բաց դռների մոտով, որտեղից լույս էր ընկնում թաց փողոց և լսվում էին երաժշտության հանկարծակի պոռթկումներ։
― Ուզո՞ւմ ես մտնենք։
― Ոչ։
Մենք քայլում էինք թաց խոտի վրայով, հետո բարձրացանք ամրոցի քարե պատին։ Քարի վրա թերթ փռեցի, և Բրեթը նստեց։ Մութ հարթավայրի մյուս կողմում երևում էին մուգ լեռները։ Ուժեղ քամի էր փչում, և ամպերը շարունակ ծածկում էին լուսինը։ Մեր տակ սևին էին տալիս ամրությունների խոր խանդակները։ Ետևում ծառեր էին, եկեղեցու ստվերն ու լուսնի լույսով ուրվագծված քաղաքի պատկերը։
― Մի տառապիր, ― ասացի ես։
― Ինձ սարսափելի վատ եմ զգում, ― ասաց Բրեթը։ ― Լավ է լռենք։
Նայում էինք հարթավայրին։ Լուսնի լույսի տակ երևում էին ծառերի երկար, մութ շարքերը։ Դեպի լեռներ տանող ճանապարհին մեքենաների լույսեր էին երևում։ Սարի գագաթին երևում էին ամրոցի լույսերը։ Ներքևում, դեպի ձախ, հոսում էր գետը։ Գետն անձրևից հորդացել էր, բարձրացել, ջուրը սև էր և հարթ, ծառերը մութ էին։ Հողապատնեշին նստած նայում էինք։ Բրեթը նայում էր ուղիղ իր դիմաց։ Հանկարծ նա ցնցվեց։
― Ցուրտ է։
― Ուզո՞ւմ ես վերադառնալ։
― Գնանք զբոսայգու միջով։
Իջանք հողապատնեշից։ Ամպերը նորից ծածկել էին երկինքը։ Այգում, ծառերի տակ մութ էր։
― Դու դեռ ինձ սիրո՞ւմ ես, Ջեյք։
― Այո, ― ասացի։
― Գիտես, ես կործանված եմ, ― ասաց Բրեթը։
― Ինչո՞ւ։
― Ես կորած եմ։ Ես գժվում եմ այդ տղայի, Ռոմերոյի համար։ Ես երևի սիրահարվել եմ նրան։
― Դու այդ չպիտի անես։
― Չեմ կարողանում ինձ հաղթահարել։ Ես կորած եմ։ Ներսումս ամեն ինչ կտոր֊կտոր է լինում։
― Դրան պետք է վերջ տալ։
― Չեմ կարող։ Ես երբեք չեմ կարողացել ինձ զսպել։
― Դու պետք է քեզ զսպես։
― Ինչպե՞ս։ Չեմ կարողանում։ Ահա, տեսնո՞ւմ ես։
Նա ինձ մեկնեց ձեռքը։ Ձեռքը դողում էր։
― Մեջս ամեն ինչ այսպես դողում է։
― Դու այդ չպետք է անես։
― Չեմ կարող ինձ տիրապետել։ Միևնույն է, կորած եմ։ Մի՞թե չես հասկանում։
― Ոչ։
― Ես պետք է մի բան անեմ։ Այնպիսի մի բան, որ իսկապես ուզում եմ։ Թե չէ կորցրել եմ հարգանքս ինքս իմ հանդեպ։
― Դու այդ անելու կարիք չունես։
― Օհ, սիրելիս, մի բարդացրու ամեն ինչ։ Ինչ ես կարծում, ինձ համար հաճելի՞ է շարունակ հանդուրժել այդ անիծյալ հրեային կամ էլ դիմանալ Մաքյլի սարքած կռիվներին։
― Իհարկե, ոչ։
― Հո չեմ կարող անընդհատ ինձ խմելու տալ։
― Ոչ։
― Օհ, սիրելիս, խնդրում եմ մնա ինձ հետ։ Մնա ինձ հետ և օգնիր ինձ, ասա, կօգնե՞ս։
― Այո։
― Ես չեմ ասում, որ դա լավ բան է։ Չնայած ինձ համար դա լավ է։ Աստված իմ, ես դեռ երբեք ինձ այսպիսի տականք չեմ զգացել։
― Ի՞նչ ես ուզում, որ անեմ։
― Գնանք, ― ասաց Բրեթը։ ― Գնանք գտնենք նրան։
Միասին քայլեցինք ծառուղու մանրախճով ծածկված արահետով, հետո այդ արահետը վերջացավ, և մենք զբոսայգու դռնից դուրս եկանք քաղաք տանող փողոց։
Պեդրո Ռոմերոն սրճարանում էր։ Նա նստած էր սեղանի շուրջ ուրիշ ցլամարտիկների և սպորտային քննադատների հետ։ Բոլորը սիգար էին ծխում։ Երբ մենք ներս մտանք, նայեցին մեզ։ Ռոմերոն գլխով ողջունեց ժպտալով։ Մենք նստեցինք սենյակի մեջտեղում մի սեղանի շուրջ։
― Հրավիրիր նրան այստեղ, մեզ հետ խմելու։
― Ոչ հիմա։ Նա ինքը կգա։
― Ես չեմ կարողանում նայել նրան։
― Նա շատ է գեղեցիկ հենց այնպես նայելու համար, ― ասացի։
― Ես իմ կյանքում միշտ արել եմ այն, ինչ ուզել եմ։
― Գիտեմ։
― Ես ինձ շատ տականք եմ զգում։
― Դե լավ, ― ասացի։
― Աստված իմ, ― ասաց Բրեթը։ ― Ինչ ասես չի գալիս կնոջ գլխին։
― Մի՞թե։
― Օհ, ես ինձ կատարյալ տականք եմ զգում։
Նայեցի ցլամարտիկների սեղանին։ Պեդրո Ռոմերոն ժպտաց։ Նա ինչ֊որ բան ասաց սեղանի շուրջ նստածներին և վեր կացավ։ Մոտեցավ մեր սեղանին։ Ես տեղիցս վեր կացա և իրար ձեռք սեղմեցինք։
― Խմել չէի՞ք կամենա։
― Թույլ տվեք հյուրասիրել ձեզ, ― ասաց նա։ Նա աթոռը ետ քաշեց և նստեց, լուռ թույլտվություն խնդրելով Բրեթից։ Նա շատ գեղեցիկ պահվածք ուներ։ Նստած շարունակում էր ծխել սիգարը, որ շատ էր վայելում նրա դեմքին։
― Դուք սիգա՞ր եք սիրում, ― հարցրի ես։
― Օհ, այո։ Ես միշտ սիգար եմ ծխում։
Դա նրան ավելի էր հեղինակություն տալիս և կարծես տարիքից ավելի մեծ էր դարձնում։ Ես ուշադրություն դարձրի նրա մաշկին։ Մաշկը մաքուր էր, հարթ և շատ թուխ։ Նրա այտոսկրին մի եռանկյունի սպի կար։ Տեսա, որ նա նայում է Բրեթին։ Նա զգում էր, որ իրենց միջև ինչ֊որ բան կա։ Նա հավանաբար զգաց այն ժամանակ, երբ Բրեթը սեղմեց նրա ձեռքը։ Սակայն նա իրեն շատ զգույշ էր պահում։ Կարծում եմ, նա համոզված էր, սակայն, այնուամենայնիվ, վախենում էր սխալ թույլ տալ։
― Վաղը մարտ ունե՞ք, ― հարցրի ես։
― Այո, ― ասաց նա։ ― Ալգաբենոն այսօր վիրավորվել է Մադրիդում։ Լսե՞լ եք։
― Ոչ, ― ասացի։ ― Ծա՞նր է։
Նա գլուխն օրորեց։
― Դատարկ բան է։ Ահա այստեղ։ ― Նա ցույց տվեց իր ձեռնափը։
Բրեթը առաջ հակվեց և ուղղեց նրա մատները։
― Օ, ― ասաց նա անգլերեն, ― դուք կարողանո՞ւմ եք գուշակել։
― Երբեմն նայում եմ։ ― Ուզո՞ւմ եք։
― Այո, ես դա սիրում եմ։ ― Նա ձեռքը դրեց սեղանին, ափը դեպի վեր։ ― Ասացեք ինձ, որ ապրելու եմ հավերժ և միլիոնատեր կդառնամ։ ― Նա դեռևս շատ քաղաքավարի էր, սակայն արդեն ավելի վստահ էր զգում իրեն։
― Նայեցեք, ― ասաց նա, ― ափիս մեջ ցլեր չե՞ք տեսնում։
Նա ծիծաղեց։ Նրա ձեռքը շատ գեղեցիկ էր, դաստակը՝ բարակ։
― Այստեղ հազար ու հազար ցլեր կան, ― ասաց Բրեթը։ Նրա նյարդայնությունը լրիվ անցել էր, և նա շատ գեղեցիկ էր։
― Լավ է, ― ծիծաղեց Ռոմերոն։ ― Հազար դուրս ամեն մեկի համար, ― ասաց ինձ իսպաներեն։ ― Ասացեք էլի ի՞նչ կա։
― Լավ ձեռք է, ― ասաց Բրեթը։ ― Ինձ թվում է, այն շատ երկար կապրի։
― Ասացեք ինձ, ոչ թե ձեր բարեկամին։
― Ասում եմ, որ դուք շատ երկար կապրեք։
― Գիտեմ, ― ասաց Ռոմերոն։ ― Ես երբեք չեմ մեռնելու։
Ես մատներով թխկթխկացրի սեղանին։ Ռոմերոն այդ նկատեց և գլուխը թափ տվեց։
― Ոչ։ Դա պետք չէ։ Ցլերն իմ լավագույն բարեկամներն են։
Ես նրա ասածը թարգմանեցի Բրեթին։
― Եվ դուք սպանում եք ձեր բարեկամների՞ն, ― հարցրեց Բրեթը։
― Միշտ, ― ասաց նա անգլերեն և ծիծաղեց։ ― Որպեսզի նրանք չսպանեն ինձ։
Նա սեղանի վրայից նայեց Բրեթին։
― Դուք լավ եք խոսում անգլերեն։
― Այո, ― ասաց նա, ― երբեմն լավ է ստացվում։ Բայց այդ մասին ոչ ոք չպետք է իմանա։ Դա վատ է, տորերոն չպետք է խոսի անգլերեն։
― Ինչո՞ւ, ― հարցրեց Բրեթը։
― Պետք չէ։ Դա մարդկանց դուր չի գալիս։ Մեզ մոտ այդպես է։
― Բայց ինչո՞ւ դուր չի գալիս։
― Դուր չի գալիս, որովհետև ցլամարտիկներն այդպես չպետք է լինեն։
― Իսկ ինչպե՞ս պետք է լինեն։
Նա ծիծաղեց, գլխարկը քաշեց աչքերին, սիգարը ծուռ դրեց բերանին և դեմքին ցասկոտ արտահայտություն տվեց։
― Ինչպես այն սեղանի մոտ նստածները, ― ասաց նա։
Ես նայեցի այն կողմ։ Ռոմերոն ճշգրտորեն ընդօրինակել էր Նասիոնալի դեմքի արտահայտությունը։ Ապա ժպտաց, և դեմքն ստացավ նախկին արտահայտությունը։
― Ոչ, ես պետք է մոռանամ անգլերենը։
― Դեռ պետք չէ, ― ասաց Բրեթը։
― Պետք չէ՞։
― Ոչ։
― Դե լավ։
Նա նորից ծիծաղեց։
― Ես այսպիսի գլխարկ եմ ուզում, ― ասաց Բրեթը։
― Շատ լավ։ Ես ձեզ համար կգտնեմ։
― Տեսեք հա՜, խոսք եք տվել։
― Կգտնեմ։ Հենց այսօր կգտնեմ։
Ես վեր կացա։ Ռոմերոն նույնպես տեղից ելավ։
― Նստեք, ― ասացի։ ― Ես պետք է գտնեմ մեր ընկերներին և այստեղ բերեմ։
Նա նայեց ինձ։ Դա մի հայացք էր, որ վերջին անգամ հարցնում էր՝ արդյոք ամե՞ն ինչ է պարզ։ Ամեն ինչ պարզ էր։
― Նստեք, ― ասաց Բրեթը։ ― Դուք պետք է ինձ իսպաներեն սովորեցնեք։
Նա նստեց ու սեղանի վրայով նայեց Բրեթին։ Ես դուրս եկա։ Ցլամարտիկների սեղանի մոտ նստած մարդիկ ինձ ուղեկցեցին չարացած հայացքներով։ Դա այնքան էլ հաճելի չէր։ Երբ քսան րոպե հետո վերադարձա և ներս նայեցի սրճարան, Բրեթն ու Պեդրո Ռոմերոն արդեն չկային։ Դեռ սեղանին էին մեր սուրճի գավաթներն ու մեր երեքի կոնյակի դատարկ ըմպանակները։ Մի մատուցող մոտեցավ անձեռոցիկը ձեռքին, հավաքեց բաժակներն ու ըմպանակները և մաքրեց սեղանը։
==Գլուխ տանսյոթերորդ==
«Միլան» բարի մոտ հանդիպեցի Բիլլին և Էդնային։ Այդպես էր Բիլլի ընկերուհու անունը։
― Մեզ դուրս արեցին, ― ասաց Էդնան։
― Ոստիկանության օգնությամբ, ― ասաց Մայքլը։ ― Այնտեղ մարդիկ կան, որոնց ես դուր չեկա։
― Ես նրանց չորս անգամ ետ եմ պահել տուրուդմբոցից, ― ասաց Էդնան։ ― Դուք ինձ պետք է օգնեք։
Բիլլի դեմքը վառվում էր։
― Գնանք նորից այնտեղ, Էդնա, ― ասաց նա։ ― Գնանք և պարենք Մայքլի հետ։
― Դա հիմարություն է, ― ասաց Էդնան։ ― Նորից կռիվ կբացվի։
― Անիծյալ բիարրիցյան խոզեր, ― ասաց Բիլլը։
― Գնանք, ― ասաց Մայքլը։ ― Վերջ ի վերջո սա պանդոկ է։ Նրանք իրավունք չունեն այն ամբողջապես զբաղեցնելու։
― Ախ, իմ լավ Մայք, ― ասաց Բիլլը։ ― Այստեղ են գալիս այդ զզվելի անգլիական խոզերը, վիրավորում են Մայքլին և փչացնում մեր ֆիեստան։
― Նրանք այնքան վատն են, ― ասաց Մայքը։ ― Ատում եմ անգլիացիներին։
― Նրանք չեն կարող վիրավորել Մայքլին, ― ասաց Բիլլը։ ― Մայքլը հիանալի տղա է։ Նրանք չեն համարձակվի Մայքլին վիրավորել։ Ես դա չեմ հանդուրժի։ Ի՞նչ նշանակություն ունի նա սնանկացած է, թե ոչ։ ― Նրա ձայնը կտրվեց։
― Իսկապես, ի՞նչ նշանակություն ունի, ― ասաց Մայքը։ ― Ինձ համար դա միևնույն է։ Ջեյքի համար նույնպես միևնույն է։ Իսկ ձեզ համար միևնույն չէ՞։
― Միևնույն է, ― ասաց Էդնան։ ― Իսկ դուք իսկապե՞ս սնանկացած եք։
― Իհարկե։ Ձեզ համար միևնույն է, չէ՞, Բիլլ։
Բիլլը ձեռքը դրեց Մայքլի ուսին։
― Ես ինքս էլ կուզեի սնանկացած լինել։ Ես ցույց կտայի սրիկաներին։
― Պարզապես նրանք անգլիացիներ են, ― ասաց Մայքը։ ― Թքած, թե ինչ կասեն այդ անգլիացիները։
― Ստոր խոզեր են, ― ասաց Բիլլը։ ― Հիմա կգնամ և նրանց դուրս կանեմ այնտեղից։
― Բիլլ, ― Էդնան նայեց ինձ։ ― Բիլլ, խնդրում եմ նորից այնտեղ չգնաք։ Նրանք հիմար մարդիկ են։
― Ճիշտ է, ― ասաց Մայքը։ ― Նրանք հիմար մարդիկ են։ Ես այդպես էլ մտածում էի, որ այդ ամենը նրանց հիմարության պատճառով է։
― Ես չեմ հանդուրժի, որ նրանք Մայքլի մասին այդպիսի բաներ ասեն, ― ասաց Բիլլը։
― Դուք նրանց ճանաչո՞ւմ եք, ― հարցրի Մայքլին։
― Ոչ։ Ես նրանց երբեք չեմ տեսել։ Բայց նրանք ասում են, որ ճանաչում են ինձ։
― Ես դա չեմ հանդուրժի, ― ասաց Բիլլը։
― Գնանք։ Եկեք գնանք Սուիսո սրճարան, ― ասացի։
― Դրանք Էդնայի Բիարրիցից եկած ընկերներն են, ― ասաց Բիլլը։
― Նրանք պարզապես հիմար են, ― ասաց Էդնան։
― Նրանցից մեկը Չիկագոյից է՝ Չարլի Բլեքմենն է, ― ասաց Բիլլը։
― Ես երբեք Չիկագոյում չեմ եղել, ― ասաց Մայքլը։
Էդնան սկսեց ծիծաղել և երկար չէր կարողանում հանգստանալ։
― Հե՜յ, սնանկներ, տարեք ինձ այստեղից։
― Բայց ինչի՞ համար ծագեց կռիվը, ― հարցրեցի Էդնային։ Մենք հրապարակով գնում էինք Սուիսո սրճարան։ Բիլլը չքվել էր։
― Չհասկացա, թե ինչպես պատահեց, բայց ինչ֊որ մեկը ոստիկանություն կանչեց և պահանջեց Մայքլին դուրս անել ետևի սենյակից։ Այնտեղ ինչ֊որ մարդիկ կային, որ Մայքլին գիտեին Կաննից։ Բայց Մայքլն ի՞նչ կարող էր անել։
― Հավանաբար պարտք է նրանց, ― ասացի։ ― Մարդիկ սովորաբար դրա համար են զայրանում։
Դրսում, հրապարակի տոմսարկղերի մոտ երկու շարք հերթ էր։ Մարդիկ սպասում էին կամ աթոռներին նստած, կամ էլ ծածկոցներով ու թերթերով փաթաթված հենց գետնին էին նստել։ Նրանք սպասում էին, որ առավոտյան, հենց որ տոմսարկղերը բացվեն, կարողանան տոմսեր գնել ցլամարտի համար։ Գիշերը եղանակն սկսեց պարզվել, ամպերը ցրվեցին, լուսինը դուրս եկավ։ Շատերը, այդպես հերթ բռնած, քնել էին։
Դեռ նոր էինք մտել «Սուիսո» սրճարան ու ֆունդադոր պատվիրել, երբ ներս մտավ Կոնը։
― Որտե՞ղ է Բրեթը, ― հարցրեց նա։
― Չգիտեմ։
― Նա ձեզ հետ էր։
― Հավանաբար գնաց քնելու։
― Ոչ։
― Ես չգիտեմ նա որտեղ է։
Էլեկտրական լույսի տակ նրա դեմքը գունատ֊դեղին էր։ Նա չէր նստում։
― Ասացեք ինձ, որտեղ է Բրեթը։
― Նստեք, ― ասացի։ ― Չգիտեմ նա որտեղ է։
― Ստում եք։
― Վերջ տվեք։
― Ասացեք, որտե՞ղ է Բրեթը։
― Ես ձեզ ոչինչ չեմ ասի։
― Դուք գիտեք թե նա որտեղ է։
― Եթե գիտենայի էլ, ձեզ չէի ասի։
― Վահ, գրողի ծոցը գնացեք, Կոն, ― սեղանի մյուս ծայրից ձայն տվեց Մայքլը։ ― Բրեթը փախել է այն ցլամարտիկի հետ։ Հիմա նրանք մեղրամիս են անում։
― Լռե՛ք։
― Էհ, գրողի ծոցը գնացեք, ― հոգնատանջ ծոր տվեց Մայքլը։
― Դա ճի՞շտ է, ― դարձավ ինձ Կոնը։
― Իսկապես գրողի ծոցը գնացեք։
― Նա ձեզ հետ էր։ Դա ճի՞շտ է։
― Գնացեք գրողի ծոցը։
― Ես կստիպեմ, որ ասեք, ― նա առաջ եկավ, ― անիծյալ կավատ։
Ես բռունցքս բարձրացրի, որ խփեմ, սակայն նա ճարպկորեն խույս տվեց հարվածից։ Տեսա լույսի տակ, թե ինչպես դեմքը ետ քաշեց։ Հետո նա ինձ խփեց, և ես նստեցի մայթին։ Երբ փորձում էի վեր կենալ, նա ևս երկու անգամ հարվածեց։ Երեսնիվայր ընկա սեղաններից մեկի տակ։ Հասկանում էի, որ պետք է ոտքի կանգնեմ ու հարվածեմ նրան, սակայն կարծես ոտքեր չունենայի։ Մայքն օգնեց ինձ ոտքի կանգնել։ Ինչ֊որ մեկը սափորով ջուր լցրեց գլխիս։ Մայքլն ինձ պահում էր, և ես հետո միայն զգացի, որ նստած եմ աթոռին։ Մայքլը շփում էր ականջներս։
― Ջեյք, ինձ թվաց դուք մեռել եք, ― ասաց Մայքը։
― Իսկ դուք որտե՞ղ էիք, գրողը տանի։
― Օհ, ես այստեղ էի։
― Չկամեցա՞ք կռվի մեջ մտնել։
― Նա Մայքլին էլ գետնին տապալեց, ― ասաց Էդնան։
― Նա ինձ բոլորովին էլ չտապալեց, ― ասաց Մայքը։ ― Ես հենց այնպես պառկել էի։
― Ասացեք, ձեր ֆիեստայի երեկոները մի՞շտ են այսպես լինում, ― հարցրեց Էդնան։ ― Դա պարոն Կոնն էր, այդպես չէ՞։
― Ես արդեն լավ եմ, ― ասացի, ― մի քիչ գլուխս է պտտվում։
Մեր շուրջը հավաքվել էին մատուցողներն ու ահագին մարդիկ։
― Vaya, ― ասաց Մայքլը։ ― Գնացեք, հեռացեք այաստեղից։
Մատուցողները մարդկանց ստիպեցին ցրվել։
― Արժեր տեսնել ձեր կռիվը, ― ասաց Էդնան։ ― Հավանաբար նա բռնցքամարտիկ է։
― Այդպես է որ կա։
― Լավ կլիներ Բիլլն էլ այստեղ լիներ, ― ասաց Էդնան։ ― Շատ կուզեի տեսնել, թե Բիլլն ինչպես է գետին փռվում։ Միշտ ուզեցել եմ այդ տեսնել։ Նա այնքան մեծ է։
― Ես այն հույսին էի, թե նա մատուցողներից մեկին կխփի, ― ասաց Մայքը, ― և նրան կբանտարկեն։ Շատ կուզեի, որ պարոն Ռոբերտ Կոնին բանտ դնեին։
― Ոչ, ― ասացի։
― Օհ, ոչ, ― ասաց Էդնան, ― դուք այդպես չեք մտածում։
― Հենց այդպես եմ մտածում, ― ասաց Մայքը։ ― Ես այն մարդկանցից չեմ, որ սիրում են ծեծվել։ Ես երբեք նույնիսկ խաղի մեջ չեմ մտնում։
Մայքը մի կում արեց խմիչքից։
― Ես երբեք որս անել չեմ սիրել։ Միշտ վտանգ կա, որ ձին կարող է վրադ ընկնել։ Ինչպե՞ս եք զգում ձեզ, Ջեյք։
― Լավ։
― Ես ձեզ հավատում եմ, ― ասաց Էդնան Մայքին։ ― Դուք իսկապե՞ս սնանկացել եք։
― Այո, բացարձակապես սնանկացած եմ, ― ասաց Մայքը։ ― Ես բոլորին պարտք եմ։ Մի՞թե դուք ոչ մեկին պարտք չեք։
― Շատ շատերին։
― Իսկ ես բոլորին եմ պարտք, ― ասաց Մայքը։ ― Այսօր ես հարյուր պեսետ եմ պարտք վերցրել Մոնտոյայից։
― Չեմ հավատում, ― ասացի։
― Ես կվերադարձնեմ, ― ասաց Մայքը։ ― Ես միշտ ամեն ինչ վերադարձնում եմ։
― Դրա համար էլ սնանկ եք, չէ՞, ― ասաց Էդնան։
Ես վեր կացա։ Թվում էր նրանց ձայները գալիս էին հեռու֊հեռու ինչ֊որ տեղից։ Այդ ամենը կարծես անհաջող մի ներկայացում լիներ։
― Գնում եմ հյուրանոց, ― ասացի։ Հետո լսեցի, որ նրանք իմ մասին են խոսում։
― Կարծում եք նա արդեն լա՞վ է, ― հարցրեց Էդնան։
― Ավելի լավ է գնանք նրա հետ։
― Ես շատ լավ եմ, ― ասացի։ ― Ձեր գալու կարիքը չկա։ Ավելի ուշ կհանդիպենք։
Դուրս եկա սրճարանից։ Նրանք նստած մնացին սեղանի մոտ։ Ետ նայեցի նրանց ու դատարկ սեղաններին։ Մի սեղանի մոտ նստած էր մատուցողը՝ գլուխը ձեռներին հենած։
Հրապարակով դեպի հյուրանոց քայլելիս ինձ թվաց, որ ամեն ինչ փոխվել է ու նոր տեսք ստացել։ Երբեք չէի տեսել այս ծառերը։ Չէի տեսել ձողերին ամրացրած այս դրոշակները, թատրոնի ճակատամասը։ Ամեն ինչ փոխվել էր։ Այդպիսի զգացում արդեն ունեցել էի մի անգամ, երբ քաղաքից դուրս գտնվող ֆուտբոլի դաշտից վերադառնում էի տուն։ Սպորտային հանդերձանքով լցված ճամպրուկը ձեռքիս քայլում էի կայարանից դեպի քաղաք տանող ճանապարհով, այն քաղաքը, որտեղ ապրել էի ամբողջ կյանքս, սակայն ահա ամեն ինչ ինձ թվում էր նոր։ Փողոցում հարթեցնում էին սիզամարգերը և ճանապարհի եզրին այրում չոր տերևները։ Կանգ առա և երկար նայում էի։ Ամեն ինչ շատ անսովոր էր։ Հետո շարունակեցի ճամփաս, և ինձ թվում էր, որ ոտքերս ինձնից շատ հեռու են, որ բոլոր առարկաները մոտենում են ինձ հեռվից, զգում էի, որ ոտքերս քայլում են ինձնից մեծ հեռավորության վրա։ Խաղի հենց սկզբում ոտքով խփել էին գլխիս։ Եվ հիմա, հրապարակն անցնելիս, ես նույն զգացողությունն ունեի։ Նույն զգացողությամբ էլ բարձրացա հյուրանոցի աստիճաններով։ Աստիճաններով բարձրանալը շատ երկար տևեց, և ինձ թվում էր, թե նորից ճամպրուկը ձեռքիս է։ Իմ սենյակում լույս կար։ Բիլլը դուրս եկավ սենյակից միջանցք, ինձ ընդառաջ։
― Լսիր, ― ասաց նա, ― բարձրացիր Կոնի մոտ։ Նրա հետ ինչ֊որ բան է պատահել, նա քեզ էր հարցնում։
― Թող գրողի ծոցը գնա։
― Բարձրացիր, բարձրացիր նրա մոտ։
Չէի ուզում նորից ավելի վերև բարձրանալ։
― Ինչո՞ւ ես այդպես նայում ինձ։
― Բոլորովին էլ չեմ նայում։ Բարձրացիր վերև, մտիր Կոնի մոտ։ Նրա հետ ինչ֊որ բան է կատարվում։
― Դու կարծես մի քիչ հարբած ես, ― ասացի։
― Այո, հարբած եմ, ― ասաց Բիլլը։ ― Բայց դու բարձրացիր Կոնի մոտ։ Նա ուզում է քեզ տեսնել։
― Լավ, ― ասացի։
Բայց նորից աստիճաններով բարձրանալն ինձ համար անտանելի էր։ Բարձրանում էի աստիճաններով ու հետս քարշ տալիս երևակայական ճամպրուկս։ Միջանցքով քայլեցի դեպի Կոնի սենյակը։ Դուռը փակ էր, բախեցի։
― Ո՞վ է։
― Բարնսը։
― Մտեք, Ջեյք։
Դուռը բացեցի, ներս մտա և ցած դրի ճամպրուկս։ Սենյակում մութ էր։ Կոնը մթության մեջ երեսնիվայր պառկած էր մահճակալին։
― Հելլո, Ջեյք։
― Ինձ Ջեյք մի ասեք։
Կանգնած էի դռան մոտ։ Ճիշտ այդպես էլ այն ժամանակ տուն եկա։ Հիմա ինձ պետք էր տաք լոգանք։ Մի լավ տաք, լիքը լոգանք, որպեսզի ուզածիս պես ձգվեմ։
― Որտեղ է լոգարանը, ― հարցրի։
Կոնը լալիս էր։ Պառկել էր գլուխը բարձի մեջ խրած և լաց էր լինում։ Հագին սպիտակ «պոլո» վերնաշապիկ էր, ինչպիսին նա հագնում էր Պրինթոնում։
― Ցավում եմ, Ջեյք։ Խնդրում եմ ինձ ներեք։
― Ներե՞լ ձեզ, գրողի ծոցը կորեք։
― Խնդրում եմ ներեք ինձ, Ջեյք։
Ոչինչ չպատասխանեցի։ Պարզապես կանգնած էի դռան մոտ։
― Ես ինձ կորցրել էի։ Դուք պետք է հասկանաք, թե դա ինչպես պատահեց։
― Լավ, վերջացրեք։
― Ես չդիմացա, լսելով այդ Բրեթի մասին։
― Դուք ինձ կավատ անվանեցիք։
Ինձ համար ամեն ինչ միևնույն էր։ Ուզում էի տաք լոգանք ընդունել։ Տաք, շատ ջրով լոգանք։
― Գիտեմ։ Խնդրում եմ մոռացեք այդ։ Ես խելքս թռցրել էի։
― Լավ, լավ։
Նա լաց էր լինում։ Նրա ձայնը շատ ծիծաղելի էր։ Սպիտակ «պոլո» վերնաշապիկով պառկել էր մահճակալին, մթության մեջ։
― Վաղն առավոտյան ես կմեկնեմ։
Հիմա նա լալիս էր անձայն։
― Ուղղակի չկարողացա դիմանալ։ Ես քաշել եմ դժոխքի բոլոր տառապանքները, Ջեյք։ Դա իսկական դժոխք էր։ Այն ժամանակից ինչ այստեղ ենք, Բրեթն ինձ հետ այնպես է վարվում, կարծես մի բոլորովին օտար մարդ լինեմ։ Ես դրան չկարողացա դիմանալ։ Մենք միասին ապրում էինք Սան֊Սեբաստիանում։ Դուք, կարծում եմ, դա գիտեք։ Ես այլևս չեմ կարող։
Նա շարունակում էր պառկած մնալ մահճակալին։
― Լավ, ― ասացի։ ― Գնում եմ լոգանք ընդունեմ։
― Դուք իմ միակ բարեկամն եք, Ջեյք, ես այնքան էի սիրում Բրեթին։
― Դե, ― ասացի, ― ցտեսություն։
― Եվ ամենը զուր, ― ասաց նա։ ― Ամենը զուր։
― Ի՞նչը։
― Ամեն ինչ։ Խնդրում եմ, Ջեյք, ասացեք, որ ներում եք ինձ։
― Դե լավ, ― ասացի։ ― Լավ։
― Ես տանջահար եմ։ Ես անցել եմ դժոխքի բոլոր տառապանքների միջով, Ջեյք։ Հիմա ամեն ինչ վերջացած է։ Ամեն ինչ։
― Լավ, ― ասացի, ― ցտեսություն։ ― Ես պետք է գնամ։
Նա շրջվեց, նստեց մահճակալի եզրին, հետո վեր կացավ։
― Մնաք բարով, Ջեյք, ― ասաց նա։ ― Ինձ ձեռք կտա՞ք։
― Իհարկե, ինչո՞ւ չտամ։
Մենք իրար ձեռք սեղմեցինք։ Մթության մեջ նրա դեմքը չէի տեսնում։
― Դե, ― ասացի, ― մինչև առավոտ։
― Առավոտյան ես մեկնում եմ։
― Ահ, իսկապես, ― ասացի։
Ես դուրս եկա։ Կոնը կանգնած էր դռան մոտ։
― Դուք լա՞վ եք, Ջեյք, ― հարցրեց նա։
― Այո, ― ասացի, ― լավ եմ։
Լոգասենյակը չէի կարողանում գտնել։ Վերջապես գտա։ Այնտեղ մի խոր քարե լոգարան էր։ Ծորակը բացեցի, սակայն ջուր չկար։ Նստեցի լոգարանի եզրին։ Երբ վեր կացա և ուզում էի գնալ, պարզվեց, որ կոշիկներս հանել եմ։ Ման եկա գտա և ցած տարա։ Գտա իմ սենյակը, հանվեցի և անկողին մտա։
Արթնացա գլխացավով՝ փողոցով անցնող նվագախմբի աղմուկից։ Հիշեցի, որ խոստացել էի Էդնային, Բիլլի ընկերուհուն, տանել և ցույց տալ, թե ինչպես են ցլերը փողոցներով վազում դեպի մրցարան։ Հրապարակով մեկ դեպի տոմսարկղներն էր ձվում նույն երկու շարք հերթը․ մարդիկ սպասում էին ժամը յոթին՝ տոմսեր գնելու։ Շտապով կտրեցի հրապարակն ու մտա սրճարան։ Մատուցողն ասաց, որ իմ ընկերները եղել են այստեղ և արդեն գնացել։
― Քանի՞ հոգի էին։
― Երկու պարոն և մի օրիորդ։
Ամեն ինչ լավ է։ Էդնան Բիլլի և Մայքլի հետ է։ Նախորդ օրը Էդնան վախենում էր, թե նրանք հարբած կլինեն։ Դրա համար էլ խնդրել էր ինձ, որ անպայման գնամ իր հետ։ Սուրճս խմեցի և մարդկանց բազմության հետ շտապեցի դեպի ցլամարտի հրապարակ։ Արդեն կարողանում էի պինդ կանգնել ոտքերիս վրա։ Միայն թե գլուխս էր ուժեղ ցավում։ Ամեն ինչ շուրջը հստակ էր և պայծառ, և քաղաքում վաղ առավոտի բույր էր տարածված։
Քաղաքի ծայրամասից ցլամարտի հրապարակ բերող ճանապարհը ցեխոտ էր։ Մինչև ցլամարտի հրապարակ տանող ցանկապատի ողջ երկայնությամբ մարդիկ էին հավաքված, դրսի պատշգամբներն ու կրկեսի տանիքը լեփ֊լեցուն էին մարդկանցով։ Լսեցի արձակված հրթիռի ձայնը, հասկացա, որ չեմ կարողանա ժամանակին տեղ հասնել ու տեսնել ցլերի մուտքը, ուստի մարդկանց միջով խցկվեցի դեպի ցանկապատը։ Ինձ պինդ սեղմել էին ցանկապատի տախտակներին։ Ցանկապատների միջև ընկած ճանապարհից ոստիկանությունը քշում էր մարդկանց։ Մարդիկ քայլքով կամ վազեվազ շարժվում էին դեպի ցլամարտի հրապարակը։ Հետո երևացին վազող մարդիկ։ Հարբած մի մարդ սայթաքեց ու վայր ընկավ։ Երկու ոստիկան բռնեցին նրան ու քարշ տվեցին դեպի ցանկապատ։ Հիմա արդեն մարդիկ շատ արագ էին վազում։ Մեկ էլ լսվեց ամբոխի միահամուռ գոռոցն, ու գլուխս ցանկապատի տախտակներից ներս մտցնելով, տեսա՝ ինչպես ցլերը փողոցից մտնում են դեպի կրկես տանող երկար անասնանոցը։ Այդ պահին մի հարբած մարդ ևս ցանկապատից պոկվեց, ցլամարտիկի թիկնոցի նման երկու ձեռքով բռնած վերնաշապիկը։ Նա ուզում էր, իբր թիկնոցով, աշխատել ցլերի հետ։ Երկու ոստիկանն էլ շտապեցին նրա կողմը, մեկը բռնեց հարբածի օձիքից, մյուսը դագանակով խփեց գլխին, հետո սեղմեցին նրան ցանկապատին և այդպես կանգնած մնացին, մինչև որ վազեցին անցան մարդկանց վերջին խումբն ու ցլերը։ Ցլերի առջևից այնքան շատ մարդ էր վազում, որ ցլամարտի հրապարակի առջև խցկվեցին մնացին, չկարողանալով շարժվել, և երբ, ծանր, կեղտոտված ցլերը կողք֊կողքի, պոզերը թափահարելով սլացան մարդկանց մոտով, մի ցուլ առաջ անցավ, պոզը մտցրեց առջևից վազող մարդու թիկունքին և վեր բարձրացրեց նրան։ Երբ ցլի պոզը մտավ մարդու մարմնի մեջ, նրա ձեռքերը կախ ընկան, գլուխը ետ ընկավ, ցուլը նրան վեր բարձրացրեց, ապա գետին տապալեց։ Ցուլը մի ուրիշ վազող մարդու ետևից ընկավ, սակայն սրան հաջողվեց անհետանալ ամբոխի մեջ, և այդ պահին ամբոխը դռնից ներս խուժեց իր ետևից տանելով ցլերին։ Կրկեսի կարմիր դարպասը փակվեց, դրսի պատշգամբից մարդիկ խցկվեցին ամֆիթատրոնի ներսը, լսվեց մի բղավոց, հետո նորից բղավոց։
Ցլի պոզահարված մարդը երեսնիվայր ընկած էր կոխկրտված ցեխի մեջ։ Մարդիկ վեր էին մագլցում ցանկապատի վրայով, և ես չկարողացա տեսնել այդ մարդուն, որովհետև մնացել էր հսկայական բազմության մեջ։ Ներսից բղավոցներ էին լսվում։ Ամեն ճիչը նշանակում էր, որ ցլերից մեկը հարձակվել է մարդկանց վրա։ Ձայների ուժգնությունից կարելի էր որոշել, թե որքանով վտանգավոր է այդ հարձակումը։ Հետո հրթիռը վեր խոյացավ, և դա նշանակեց, որ եզները ցլերին մրցահրապարակից քշել էին կորրալ։ Ես ետ քաշվեցի ցանկապատից և վերադարձա քաղաք։
Վերադարձի ճանապարհին մտա սրճարան և մի գավաթ սուրճ խմեցի կարագ քսած չորացրած հացով։ Մատուցողներն ավլում էին հատակն ու սրբում սեղանները։ Նրանցից մեկը մոտեցավ ինձ և ընդունեց պատվերս։
― Enci erro֊ի ժամանակ բա՞ն է պատահել։
― Ես լավ չտեսա։ Բայց մի մարդ շատ լուրջ վիրավորվել էր։
― Ո՞ր մասում։
― Այստեղ, ― ձեռքս դրեցի մեջքիս, իսկ մյուս ձեռքս կրծքի վրա ուղիղ դրա դիմաց, որտեղից պետք է որ դուրս եկած լիներ կոտոշը։ Մատուցողը հասկանալով գլխով արեց և սեղանի վրայից սրբեց հացի փշրանքները։
― Ծանր վերք է, ― ասաց նա։ ― Եվ միայն սպորտի պատճառով, հանուն զվարճության։
Նա գնաց և վերադարձավ սուրճի և կաթի երկար կանթերով ամանները ձեռքին։ Լցրեց սուրճ և կաթ։ Ամանների երկար քթիկներից կաթի և սուրճի շիթեր հոսեցին մեծ գավաթի մեջ։ Մատուցողը գլուխը թափահարեց։
― Եթե մեջքն է, ուրեմն ծանր է վիրավոր, ― ասաց նա։ Ապա ամանները դրեց սեղանին, աթոռ քաշեց և նստեց։ ― Այդպիսի վերք ստանալ կոտոշից, և միայն զվարճության համար։ Պարզապես զվարճության համար։ Դուք դրան ի՞նչ կասեք։
― Չգիտեմ։
― Այո, այո։ Միայն զվարճության համար։ Տեսնո՞ւմ եք որքան զվարճալի է։
― Դուք aficionado չե՞ք։
― Ե՞ս։ Ցլերն ի՞նչ են որ։ Սովորական անասուններ։ Հիմար անասուններ։ ― Նա վեր կացավ և ձեռքը դրեց գոտկատեղին։ ― Խփել է մեջքին և ծակել դուրս եկել։ Եվ հանուն զվարճության, հասկանո՞ւմ եք։
Նա գլուխը թափահարելով հեռացավ սրճամանը ձեռքին։ Փողոցով երկու տղամարդ էին անցնում։ Մատուցողը ձայն տվեց նրանց։ Տղամարդիկ շատ լուրջ տեսք ունեին։ Նրանցից մեկը գլուխն օրորեց։
― Muerto ― բղավեց նա։
Մատուցողը գլխով արեց։ Տղամարդիկ շարունակեցին իրենց ճանապարհը։ Նրանք կարծես ինչ֊որ տեղ էին շտապում։ Մատուցողը մոտեցավ իմ սեղանին։
― Լսեցի՞ք։ Muerto: Մահացել է։ Այդ մարդը մահացել է։ Պոզը ծակել դուրս է եկել մյուս կողմից։ Մարդն ուզում էր ուրախ առավոտ անցկացնել։ Es muy flamenco:<ref>Դա արդեմ չափազանց է (իսպ․)։</ref>
― Այո, ցավալի է։
― Ինձ համար, ― ասաց մատուցողը, ― դրանում ոչ մի զվարճալի բան չկա։
Ցերեկը իմացանք, որ սպանվածին կոչում էին Վինսենտե Գիրոնես, և որ եկել էր Տաֆալլայի կողմերից։ Հաջորդ օրը լրագրերում կարդացինք, որ նա քսանութ տարեկան է, որ ուներ ֆերմա, ամուսնացած էր, երկու երեխա ուներ։ Ամուսնանալուց հետո էլ նա ամեն տարի գալիս էր ֆիեստայի։ Մի օր անց Տաֆալլոյից եկավ նրա կինը, որ հրաժեշտ տա հանգուցյալին, իսկ դրա հաջորդ օրը սուրբ Ֆերմինի եկեղեցում եղավ ժամերգություն և Տաֆալլայի պարողների ընկերության անդամները դագաղը տարան կայարան։ Առջևից գնում էին թմբկահարները՝ թմբուկները հնչեցնելով, հետո սուլում էին սրինգները, դագաղի ետևից քայլում էին կինը և երկու երեխաները։ Նրանց ետևից գալիս էին Փամփլոնայի, Էստելլայի, Տաֆալլայի և Սանգուեսայի պարողների ընկերությունների բոլոր անդամները, որոնք կարողացել էին մնալ թաղմանը։ Դագաղը դրեցին գնացքի բեռնատար վագոն, իսկ այրին և երկու երեխաները տեղավորվեցին կողքի երրորդ կարգի բաց վագոնում։ Գնացքը միանգամից տեղից պոկվեց, հետո հանգիստ սկսեց իջնել թեք ճանապարհով, շրջանցեց սարահարթն ու հարթավայրով, ուր քամին ծփում էր ցորենի արտերը, սլացավ Տրաֆալլա։
Վինսենտե Գիրոնեսին սպանող ցուլը կոչվում էր Bocanegra,<ref>Սևաշուրթ (իսպ․)։</ref> Սանխես Տաբերնոյի ցլաբուծարանի 118 համարի ցուլն էր, որին Պեդրո Ռոմերոն սպանեց այդ նույն օրը մրցահրապարակում։ Ամբոխի հրճվալից բացականչությունների տակ կտրեցին ցլի ականջը և տվեցին Պեդրո Ռոմերոյին, որն իր հերթին այն տվեց Բրեթին։ Բրեթն ականջը փաթաթեց իմ թաշկինակի մեջ և թե մեկը, թե մյուսը «Մուրատտի» սիգարետի մնացուկների հետ թողեց իր մահճակալի մոտ դրված գիշերասեղանիկի դարակում, Փամփլոնայում, Մոնտոյայի հյուրանոցում։
Երբ վերադարձա հյուրանոց, գիշերային պահակը դեռ նստած էր դռան մոտի նստարանին։ Նա ամբողջ գիշեր նստած էր եղել այդտեղ, և քունը սարսափելի տանում էր։ Իմ ներս մտնելիս, ոտքի կանգնեց։ Ինձ հետ ներս մտան երեք սպասուհիներ, որ նույնպես առավոտից գնացել էին ցլամարտ նայելու։ Նրանք ծիծաղելով վերև բարձրացան։ Ես նույնպես բարձրացա և մտա իմ սենյակ։ Հանեցի կոշիկներս ու պառկեցի մահճակալին։ Պատշգամբի դուռը բաց էր, և պայծառ արևը ողողել էր սենյակը։ Քունս բոլորովին չէր տանում։ Երևի ժամը երեքն անց կես կլիներ, որ պառկեցի, իսկ ժամը վեցին արդեն արթնացա նվագախմբի աղմուկից։ Ծնոտս երկու կողմից էլ ցավում էր։ Շոշափեցի այն բութ և միջին մատներով։ Անիծյալ Կոն։ Նա պետք է որևէ մեկին խփեր այն ժամանակ, երբ իրեն առաջին անգամ վիրավորեցին, այն ժամանակ պետք է թողներ գնար։ Նա այնքան վստահ էր, որ Բրեթն իրեն սիրում է։ Երևակայում էր, որ եթե մնա, իսկական սերն ի վերջո կհաղթանակի։ Դուռը բախեցին։
― Մտեք։
Բիլլն ու Մաքյլն էին։ Նստեցին մահճակալիս։
― Այ քեզ encierro, ― ասաց Բիլլը։ ― Ահա քեզ։
― Իսկ դուք այնտեղ չէի՞ք, ― հարցրեց Մայքլը։ ― Բիլլ, ասեք, որ գարեջուր բերեն։
― Այ թե առավոտ էր, ― ասաց Բիլլը։ Նա դեմքը սրբեց։ ― Տեր աստված, սա ինչ առավոտ էր։ Հիմա էլ Ջեյքը։ Մեր ծերուկ Ջեյքն իսկական բռնցքամարտի թիրախ է։
― Ի՞նչ կատարվեց մրցահրապարակում։
― Աստված իմ, ― ասաց Բիլլը։ ― Ի՞նչ պատահեց այնտեղ։ Մայքլ։
― Վազում էին ցլերը, ― ասաց Մայքը։ ― Ու նրանց առջևից էլ ամբոխն էր վազում, հետո մեկը սայթաքեց ընկավ ու մարդիկ թափվեցին նրա վրա։
― Եվ ցլերն էլ վրա հասան նրանց, ― ասաց Բիլլը։
― Ես լսում էի, ինչպես էին նրանք ճչում։
― Էդնան էր այդ ճչացողը, ― ասաց Բիլլը։
― Ամբոխի միջից դուրս էին գալիս ինչ֊որ մարդիկ ու թափահարում էին իրենց վերնաշապիկները։
― Ցլերից մեկը վազում էր պատնեշի շուրջ ու բոլորին ցած գցում պատնեշից։
― Մոտ քսան մարդ հիվանդանոց տարան, ― ասաց Մայքլը։
― Ա՜յ թե առավոտ էր, ― ասաց Բիլլը։ ― Ոստիկանությունը շարունակ բռնում էր սրան֊նրան, որ ինքնասպանի նման ուղղակի դեպի պոզերն էին նետվում։
― Վերջ ի վերջո, եզները ցլերին ներս քաշեցին, ― ասաց Մայքը։
― Բայց դա մի ժամ տևեց։
― Ոչ, տևեց փաստորեն մի քառորդ ժամ, ― առարկեց Մայքը։
― Օհ, գրողի ծոցը գնացեք, ― ասաց Բիլլը։ ― Դուք եղել եք պատերազմում։ Ինձ համար որ դա տևեց երկուսևկես ժամ։
― Ի՞նչ եղավ գարեջուրը, ― հարցրեց Մայքը։
― Իսկ ո՞ւր են թողել մեր հիասքանչ Էդնային։
― Հենց նոր նրան տուն ուղարկեցինք։ Գնաց քնելու։
― Իսկ նա հավանե՞ց ցլամարտը։
― Հիացած էր։ Ասացինք նրան, որ այստեղ ամեն առավոտ այսպես է։
― Նա ցնցված էր, ― ասաց Մայքը։
― Նա ուզում էր, որ մենք էլ մրցահրապարակ դուրս գանք, ― ասաց Բիլլը։ ― Նա եռանդուն գործողություններ է սիրում։
― Ես նրան ասացի, որ դա անազնիվ կլիներ իմ պարտատերերի հանդեպ, ― ասաց Մայքը։
― Օհ, ինչ առավոտ էր սա, ― ասաց Բիլլը։ ― Հապա գիշե՜րը։
― Ձեր ծնոտը ինչպե՞ս է, Ջեյք, ― հարցրեց Մայքը։
― Ցավում է, ― ասացի։
Բիլլը ծիծաղեց։
― Ինչո՞ւ աթոռը գլխին չտվեցիք։
― Շատ հեշտ եք խոսում, ― ասաց Մայքը։ ― Նա քեզ էլ գետին կտապալեր։ Ես նույնիսկ չհասկացա, թե նա ինչպես ինձ խփեց։ Կանգնած էր դեռ, կարծես հանգիստ, ու մեկ էլ այն տեսա, որ ես գետնին եմ, ու Ջեյքն էլ ընկած է սեղանի տակ։
― Իսկ հետո նա ո՞ւր գնաց, ― հարցրի։
― Ահա այն, ― ասաց Մայքը։ ― Ահա գարեջուր բերող գեղեցկուհին։
Սպասուհին սեղանին դրեց գարեջրի շշերով և բաժակներով սկուտեղը։
― Այժմ բերեք ևս երեք շիշ, ― ասաց Մայքը։
― Ինձ խփելուց հետո Կոնը ո՞ւր է գնացել, ― հարցրեցի Բիլլին։
― Դուք ինչ է, ոչինչ չգիտե՞ք։ ― Մայքը բացում էր գարեջրի շիշը։ Նա գարեջուր լցրեց բաժակներից մեկի մեջ, պահելով այն շշի բերանին մոտ։
― Դու իսկապե՞ս ոչինչ չգիտես, ― հարցրեց Բիլլը։
― Նա գնացել ու գտել էր Բրեթին ցլամարտիկի համարում, իսկ հետո մի լավ ջարդել էր այդ խեղճ ցլամարտիկին։
― Չի կարող պատահել։
― Պատահել է։
― Ի՜նչ գիշեր էր, ― ասաց Բիլլը։
― Քիչ էր մնում սպաներ խեղճ տղային։ Հետո Կոնն ուզեցել է տանել Բրեթին։ Հավանաբար ուզեցել է նրան ազնիվ կին դարձնել։ Խիստ հոգեցունց տեսարան է։
Նա միանգամից խմեց իր գարեջուրը։
― Կոնն ավանակ է։
― Իսկ հետո՞։
― Բրեթը նրան մի լավ տեղն է դրել։ Մշակել է ինչպես պետքն է։ Օ՜, պատկերացնում եմ, թե նա ինչպես հոյակապ է եղել։
― Համոզված եմ, ― ասաց Բիլլը։
― Հետո Կոնը խեղճացել է, ուզեցել է ցլամարտիկի ձեռքը սեղմել։ Նա ուզեցել է և Բրեթի ձեռքը սեղմել։
― Գիտեմ, նա իմ ձեռքն էլ է սեղմել։
― Իսկապե՞ս։ Բայց նրան թույլ չեն տվել։ Ցլամարտիկն իրեն շատ լավ է պահել։ Նա ոչինչ չի ասել, բայց ամեն հարվածից հետո ոտքի է կանգնել ու նորից ընկել։ Կոնը չի կարողացել նրան գետին փռել։ Պետք է որ շատ զվարճալի լիներ։
― Ումի՞ց եք իմացել այդ ամենը։
― Բրեթից։ Ես նրան տեսել եմ առավոտյան։
― Եվ դա ինչո՞վ է վերջացել։
― Այսպես ուրեմն, ցլամարտիկը նստած է եղել մահճակալին։ Նա մի տասնհինգ անգամ ընկել վեր է կացել, բայց նորից մղվել է կռվելու։ Բրեթը փորձել է պահել նրան ու թույլ չի տվել վեր կենալ։ Չնայած տղան թուլացել էր, սակայն Բրեթը չի կարողացել նրան պահել, և նա վեր է կացել։ Այն ժամանակ Կոնն ասել է, որ ինքը այլևս չի խփի։ Նա ասել է, որ չի կարող այդ անել, որ դա ստորություն է։ Սակայն ցլամարտիկը գայթելով մոտեցել է նրան։ Կոնը ետ֊ետ է քաշվել և կպել պատին։
― Ախ, դուք ինձ չե՞ք խփի, ― հարցրել է ցլամարտիկը։
― Ոչ, ― ասել է Կոնը։ ― Ես կամաչեմ այդ անել։
Այն ժամանակ ցլամարտիկը ինչքան ուժ ունի հասցրել է Կոնի դեմքին ու նստել հատակին։ Կոնը փորձել է նրան բարձրացնել և նստեցնել մահճակալին, սակայն ցլամարտիկն ասել է, որ եթե Կոնը դիպչի իրեն, ինքը նրան կսպանի, ինքը միևնույն է սպանելու է նրան առավոտյան, եթե Կոնը մնա քաղաքում։ Կոնն սկսել է լաց լինել, Բրեթը ասել է նրան ինչ որ պետք է, նա ուզեցել է սեղմել նրանց ձեռները։ Ասենք դա արդեն ասել եմ։
― Պատմիր մնացածը, ― ասաց Բիլլը։
― Այսպես ուրեմն, ցլամարտիկը նստած է եղել հատակին։ Նա ուժ էր հավաքում, որ վեր կենա ու նորից խփի Կոնին։ Բրեթը մերժել է Կոնի ձեռքը սեղմել, և Կոնն սկսել է լաց լինել ու ասել, թե ինչքան է նրան սիրում։ Իսկ Բրեթը նրան ասել է, որ չի կարելի այդքան ավանակ լինել։ Հետո Կոնը կռացել է, որ ցլամարտիկի ձեռքը սեղմի։ Իբր, եկեք հաշտվենք։ Ներողություն է խնդրել։ Իսկ ցլամարտիկը նորից թափով հասցրել է նրա դեմքին։
― Քաջ տղա է, ― ասաց Բիլլը։
― Կոնի հարցն արդեն փակվեց, ― ասաց Մայքը։ ― Կարծում Կոնն այլևս երբեք մարդ ծեծելու ցանկություն չի ունենա։
― Ե՞րբ եք տեսել Բրեթին։
― Այսօր առավոտյան։ Նա եկել էր մի քանի բան վերցնելու։ Հիմա խնամում է իր Ռոմերոյին։
Մայքլը մի նոր շիշ գարեջուր բացեց և լցրեց բաժակը։
― Բրեթը շատ է հոգնել։ Բայց նա շատ է սիրում մարդ խնամել։ Ես էլ նրա հետ այդպես մտերմացա։ Նա ինձ խնամում էր։
― Գիտեմ, ― ասացի։
― Սարսափելի հարբած եմ, ― ասաց Մայքը։ ― Բայց երևի կշարունակեմ խմել։ Այս ամենը շատ ծիծաղելի է, բայց այնքան էլ հաճելի չէ։ Ինձ համար, համենայն դեպս, հաճելի չէ։
Նա խմեց գարեջուրը։
― Գիտեք ինչ, ես Բրեթին այսօր ամեն ինչ ասացի։ Ասացի, որ եթե նա շարունակի քարշ գալ հրեաների, ցլամարտիկների և այս կարգի մարդկանց հետ, թող, ուրեմն, զգուշանա, դրա վերջը վատ է լինելու։ ― Նա առաջ թեքվեց։ ― Ջեյք, կարելի՞ է ես ձեր շիշ գարեջուրն էլ խմեմ։ Ձեզ համար նորից կբերեն։
― Խնդրեմ, ― ասացի։ ― Ես միևնույն է չէի խմելու։
Մայքլն սկսեց բացել շիշը։
― Դուք չէի՞ք բացի։
Հանեցի մետաղալարը, դուրս քաշեցի խցանը և նրա համար գարեջուր լցրեցի։
― Գիտեք, ― շարունակեց Մայքը։ ― Բրեթն ուղղակի սքանչելի էր։ Նա միշտ սքանչելի է։ Ես նրա գլխին կռիվ սարքեցի հրեաների, ցլամարտիկների և նման մարդկանց պատճառով, իսկ նա գիտե՞ք ինչ ասաց․ «Այո, իհարկե, ես այնքա՜ն երջանիկ կյանք եմ վայելել անգլիական արիստոկրատիայի հետ»։
Նա մի կում արեց։
― Դա սքանչելի էր։ Գիտեք, այն Էշլին, որը Բրեթին տիտղոս տվեց, ծովային էր։ Տոհմի իններորդ բարոնետն էր։ Երբ տանն էր լինում, մահճակալի վրա չէր քնում։ Բրեթին էլ ստիպում էր հատակին քնել։ Վերջը, երբ խելքը լրիվ թռցրել էր, նա Բրեթին սպառնում էր, որ կսպանի։ Քնում էր միշտ ատրճանակը լցված ու դրված կողքին։ Նրա քնելուց հետո Բրեթը հանում էր փամփուշտները։ Նա իսկապես էլ մի երջանիկ կյանք չի ունեցել։ Վերջին հաշվով սրիկայություն է։ Նա այնպես ուրախանում է ամեն ինչի համար։
Նա վեր կացավ։ Ձեռքերը դողում էին։
― Գնամ իմ սենյակ։ Փորձեմ մի քիչ քնել։
Նա ժպտաց։
― Այս ֆիեստաների ժամանակ մենք շատ քիչ ենք քնում։ Ես հիմա պատրաստվում եմ մի լավ քունս առնել։ Չքնելը վատ բան է։ Սարսափելի նյարդայնացնում է։
― Կհանդիպենք կեսօրին, Իրունյայում, ― ասաց Բիլլը։
Մայքը դուրս եկավ։ Լսեցինք, ինչպես նա բացեց կողքի սենյակի դուռը։ Հետո զանգը տվեց, սպասուհին եկավ և բախեց դուռը։
― Մի վեց շիշ գարեջուր բերեք և մի շիշ ֆունդադոր, ― ասաց Մայքը։
― Si, senorito:<ref>Այո, պարոն (իսպ․)։</ref>
― Գնացի քնելու, ― ասաց Բիլլը։ ― Խեղճ Մայքլ։ Երեկ նրա պատճառով մեծ կռիվ ընկավ։
― Որտե՞ղ։ Միլան բարո՞ւմ։
― Այո։ Այնտեղ մեկը կար, որ ինչ֊որ ժամանակ Կաննում վճարել էր Բրեթի և Մայքլի պարտքերը։ Նա իրեն շատ վատ պահեց։
― Գիտեմ այդ պատմությունը։
― Իսկ ես չգիտեի։ Անտանելի է, որ ինչ֊որ մեկն իրավունք ունի Մայքլի մասին այդպիսի բաներ ասել։ Լավ, գնացի քնելու։
― Հրապարակում մարդ սպանվե՞ց։
― Կարծես՝ ոչ։ Միայն ծանր վիրավորներ էին։
― Իսկ անցման ճանապարհին մեկին պոզահարել են։
― Իսկապե՞ս, ― ասաց Բիլլը։
==Գլուխ տասնութերորդ==
Կեսօրին բոլորս սրճարանում էինք։ Սրճարանը լեփ֊լեցուն էր։ Ուտում էինք մանր ծովախեցգետիններ և գարեջուր էինք խմում։ Քաղաքը սարսափելի մարդաշատ էր։ Բոլոր փողոցները լիքն էին մարդկանցով։ Բիարրիցից և Սան֊Սեբաստիանից շարունակ մեծ ավտոբուսներ էին գալիս և շարվում հրապարակի եզրին։ Դրանք մարդիկ էին բերում ցլամարտի։ Գալիս էին և տուրիստական ավտոբուսներ։ Մի ավտոբուսով եկել էին քսանհինգ անգլուհի։ Նրանք սպիտակ մեծ ավտոբուսներում նստած նայում էին ֆիեստան հեռադիտակներով, պարողներն իսկապես հարբած էին։ Ֆիեստայի վերջին օրն էր։
Ֆիեստան շարունակում էր հոսել իր հոծ հոսանքով, և միայն մեքենաներն ու տուրիստական ավտոբուսներն այդ հոսանքի մեջ թվում էին փոքրիկ կղզյակներ։ Երբ մեքենաները դատարկվում էին, նորեկներին ամբոխն անմիջապես իր մեջ էր առնում։ Հետո այլևս նրանք չէին երևում, ու տեղ֊տեղ միայն սրճարանի սեղանները անմիջապես գրաված սև վերնաշապիկներով գյուղացիների մեջ երևում էին նրանց անպատեհ սպորտային հագուստները։ Ֆիեստան իր մեջ առած կլանում էր նույնիսկ Բիարրիցից եկած անգլիացիներին, և նրանց հնարավոր չէր նկատել, եթե սեղանին շատ մոտ չանցնեիր։ Փողոցներում երաժշտությունը չէր դադարում։ Թմբուկները դղրդում էին, սրինգները սուլում։ Սրճարանի ներսում, սեղանի եզրին հենված և ձեռքներն իրար մեջքի գցած տղամարդիկ երգում էին կոշտ ձայներով։
― Ահա Բրեթը գալիս է, ― ասաց Բիլլը։
Նայեցի ու տեսա Բրեթին, որ գլուխը բարձր պահած կտրում էր հրապարակը, այնպես, ասես ֆիեստան իր պատվին էր արվում, և որ դա նրա համար հաճելի էր ու նաև մի քիչ ծիծաղելի։
― Հելլո, տղաներ, ― ասաց նա։ ― Սարսափելի ծարավ եմ։
― Մի գարեջուր էլ տվեք, ― ասաց Բիլլը մատուցողին։
― Ծովախեցգետիննե՞ր էլ բերեմ։
― Կոնը մեկնե՞լ է։
― Այո, ― ասաց Բիլլը։ ― Նա մեքենա վարձեց։
Գարեջուրը բերեցին։ Բրեթը փորձեց բարձրացնել ապակե գավաթը, բայց ձեռքը դողում էր։ Ինքը նկատեց այդ, ժպտաց և կռանալով մի մեծ կում արեց։
― Լավ գարեջուր է։
― Շատ լավն է, ― ասացի ես։ Ինձ անհանգստացնում էր Մայքը։ Համոզված էի, որ նա չի քնել։ Հավանաբար ամբողջ ժամանակ խմել էր, սակայն իրեն տիրապետում էր։
― Ջեյք, լսել եմ, Կոնը ծեծել է ձեզ, ― ասաց Բրեթը։
― Ոչ։ Ուղղակի գետին է փռել։
― Բայց նա ծեծել է Պեդրո Ռոմերոյին, ― ասաց Բրեթը։ ― Նա շատ վատ է ծեծել։
― Ինչպե՞ս է նա հիմա։
― Ոչինչ, լավ կլինի։ Բայց չի ուզում սենյակից դուրս գալ։
― Իսկ արտաքուստ ի՞նչ վիճակում է։
― Շատ վատ։ Սարսափելի ծեծված է։ Ասացի նրան, որ դուրս եմ գալիս մի րոպեով ձեզ տեսնելու։
― Նա ելույթ ունենալո՞ւ է։
― Իհարկե։ Ես ձեզ հետ կգամ, եթե դուք դեմ չեք։
― Ինչպե՞ս է ընկերդ, ― հարցրեց Մայքը։ Նա Բրեթի ասածներից ոչինչ չէր լսել։
― Բրեթն իր համար ցլամարտիկ է գտել, ― ասաց Մայքը։ ― Նա Կոն անունով մի հրեա ուներ, բայց պարզվեց, որ նա լավը չէր։
Բրեթը վեր կացավ։
― Մայքլ, ես քո այդ հիմարությունները չեմ լսի։
― Ինձ չե՞ք ուղեկցի։ Ուզում եմ ձեզ հետ խոսել, Ջեյք։
― Պատմիր նրան քո ցլամարտիկի մասին, ― ասաց Մայքը։ ― Օհ, գրողը տանի քո այդ ցլամարտիկին։ ― Նա այնպես խփեց սեղանին, որ գարեջրի գավաթն ու ծովախեցգետիններով սկուտեղը դղրդալով թափվեցին հատակին։
― Գնանք, ― ասաց Բրեթը։ ― Գնանք այստեղից։
Հրապարակում խմբված ամբոխի միջով անցնելիս, հարցրի Բրեթին․
― Դե, ի՞նչ կասես։
― Նախաճաշից հետո ես նրան չեմ տեսնի մինչև մարտը։ Նրա ընկերները պետք է գան հագցնեն նրան։ Նա ասում է, որ նրանք շատ զայրացած են ինձ վրա։
Բրեթն ամբողջապես փայլում էր։ Նա երջանիկ էր։ Արևը շողշողում էր, պայծառ օր էր։
― Ես կարծես նորից ծնված լինեմ, ― ասաց Բրեթը։ ― Դու չես պատկերացնում, Ջեյք։
― Դու ինձնից որևէ բա՞ն ես ուզում։
― Ոչ։ Ուզում եմ միայն, որ ինձ հետ գաս ցլամարտի։
― Նախաճաշին կտեսնվե՞նք։
― Ոչ։ Նրա հետ եմ նախաճաշելու։
Կանգնած էինք սյունաշարի տակ, հյուրանոցի մուտքի մոտ։ Ներսից սեղաններ էին հանում ու դնում սյունաշարի տակ։
― Ուզո՞ւմ ես գնանք այգով, ― հարցրեց Բրեթը։ ― Հյուրանոց վերադառնալ չեմ ուզում։ Նա հավանաբար քնած է։
Մենք անցանք թատրոնի մոտով և դուրս եկանք հրապարակից, հետո անցանք տոնավաճառի մոտով, ամբոխի հետ շարժվելով երկու շարք կրպակների միջով։ Հետո դուրս եկանք այն փողոցը, որ տանում էր դեպի Պասեո֊դե Սարասատե։ Տեսանք այնտեղ զբոսնող մարդկանց, բոլորը հարուստ ու նրբաճաշակ հագնված։ Նրանք շրջան արած զբոսնում էին այգու հեռավոր ծայրում։
― Այնտեղ չգնանք, ― ասաց Բրեթը։ ― Ես չեմ ուզում, որ ինձ վրա նայեն հիմա։
Կանգնած էինք սյունի տակ։ Անձրևից և ծովից եկող ամպերից հետո հիմա շոգ ու պայծառ օր էր։
― Հուսով եմ քամին կհանդարտվի, ― ասաց Բրեթը։ ― Թե չէ դա շատ վատ է նրա համար։
― Ես էլ եմ այդպես կարծում։
― Նա ասում է, որ լավ ցլեր են։
― Լավն են։
― Սա սուրբ Ֆերմինի եկեղեցի՞ն է։
Բրեթը նայում էր եկեկղեցու դեղին պատին։
― Այո։ Կիրակի օրը այստեղից ճամփա ընկավ թափորը։
― Ներս մտնենք։ Դեմ չե՞ս։ Ես կուզեի աղոթել նրա համար, և ընդհանրապես։
Ներս մտանք ծանր, կաշեպատ դռան միջով, որը սակայն հեշտությամբ բացվեց։ Ներսում մութ էր։ Շատ մարդ էր աղոթում։ Սկսեցինք նրանց տեսնել, երբ աչքներս սովորեց մթությանը։ Մենք ծունկի իջանք կողք֊կողքի երկար փայտե նստարաններից մեկի մոտ։ Քիչ անց զգացի, որ Բրեթը շտկվեց, ու տեսա, որ նայում է ուղիղ իր առջև։
― Գնանք, ― խռպոտ շշնջաց նա։ ― Գնանք այստեղից։ Այս ամենն ինձ նյարդայնացնում է։
Դուրս եկանք շոգ, արևով ողողված փողոց։ Բրեթը նայեց քամուց օրորվող ծառերի կատարներին։ Աղոթքը նրան չէր հանգստացրել։
― Չգիտեմ, թե ինչու եմ այդքան նյարդայնանում եկեղեցում, ― ասաց Բրեթը։ ― Դա ինձ երբեք չի օգնում։
Շարունակեցինք քայլել։
― Կրոնական մթնոլորտին ես շատ անհամապատասխան եմ, ― ասաց Բրեթը։ ― Դեմքս էլ անհամապատասխան է։
― Գիտես, ― քիչ լռելուց հետո ասաց Բրեթը, ― նրա համար բոլորովին չեմ անհանգստանում։ Պարզապես ուրախանում եմ նրա համար։
― Շատ լավ է։
― Բայց, համենայն դեպս, լավ կլիներ, որ քամին հանդարտվեր։
― Ժամը հինգի կողմերը հավանաբար կհանդարտվի։
― Հուսանք։
― Դու պետք է աղոթեիր, ― ծիծաղեցի ես։
― Դա ինձ երբեք չի օգնում։ Դեռևս ոչ մի բան, ինչի համար աղոթել եմ, չի կատարվել։ Իսկ դո՞ւ։
― Իմս կատարվել է։
― Հիմարություն է, ― ասաց Բրեթը։ ― Թերևս որոշ մարդկանց աղոթքը օգնում է։ Բայց դու այնքան էլ աստվածապաշտ տեսք չունես, Ջեյք։
― Ես շատ աստվածապաշտ եմ։
― Հիմարություն է, ― ասաց Բրեթը։ ― Այսօր արի յոլա գնանք առանց քարոզի։ Այսօր առանց այդ էլ շատ ծանր օր է։
Վաղուց, այն օրից, ինչ նա մեկնել էր Կոնի հետ, նրան դեռ այդքան անհոգ և երջանիկ չէի տեսել։ Նորից հայտնվեցինք հյուրանոցի մուտքի մոտ։ Բոլոր սեղաններն արդեն դուրս էին հանված, և մարդիկ նստած ուտում էին։
― Հետևիր Մայքլին, ― ասաց Բրեթը։ ― Մի թող, որ չափն անցնի։
― Ձեր ընկերներն գնացել վերև, ― ասաց գերմանացի ավագ մատուցողը։ Նա միշտ ականջ էր դնում խոսակցությանը։ Բրեթը դարձավ նրան։
― Շնորհակալություն։ Դուք էլի՞ բան ունեք մեզ ասելու։
― Ոչ, տիկին։
― Լավ, ― ասաց Բրեթը։
― Մեզ համար սեղան պահեք երեք հոգու համար, ― ասացի գերմանացուն։
Նա ժպտաց իր կեղտոտ, սպիտակ֊վարդագույն ժպիտով։
― Մադամն այստե՞ղ է ուտելու
― Ոչ, ― ասաց Բրեթը։
― Այն ժամանակ ես մտածում երկու հոգու համար սեղան բավական։
― Սրա հետ մի խոսեք, ― ասաց Բրեթը։ ― Մայքը հավանաբար արդեն կռիվ է սարքել, ― ասաց նա, երբ բարձրանում էինք սանդուղքով։ Սանդուղքի վրա հանդիպեցինք Մոնտոյային։ Նա գլխով բարևեց, բայց չժպտաց։
― Կհանդիպենք սրճարանում, ― ասաց Բրեթը։ ― Շնորհակալ եմ քեզանից, Ջեյք։
Կանգ առանք մեր սենյակների դռների մոտ։ Բրեթը միջանցքով քայլեց ուղիղ դեպի Ռոմերոյի սենյակը։ Ներս մտավ առանց դուռը բախելու։ Պարզապես բացեց դուռը, ներս մտավ և ծածկեց իր ետևից։
Ես մի քիչ կանգնեցի Մայքլի սենյակի դռան մոտ, հետո բախեցի։ Պատասխան չեղավ։ Ձեռքս տարա բռնակին, դուռը բացվեց։ Սենյակում ամեն ինչ տակնուվրա էր արված։ Բոլոր ճամպրուկները բաց էին, ամեն տեղ հագուստներ կային թափթփված։ Մահճակալի կողքին դատարկ շշեր էին շարված։ Մայքը պառկած էր մահճակալին, և նրա դեմքը կարծես իր իսկ դիակից հանած դիմակ լիներ։ Նա բացեց աչքերն ու նայեց ինձ։
― Հելլո, Ջեյք, ― դանդաղ ասաց նա։ ― Ուզում եմ մի քիչ քնել։ Արդեն վաղուց է ուզում եմ մի քիչ քը֊նել։
― Հիմա քեզ մի բանով կծածկեմ։
― Ոչ։ Ես չեմ մրսում։ Մի գնացեք, ես դեռ չեմ քը֊նում։
― Հիմա կքնեք, Մայքլ։ Եվ ձեզ մի տանջեք, սիրելիս։
― Բրեթն իր համար ցլամարտիկ է գտել, ― ասաց Մայքլը։ ― Բայց նրա հրեան գնացել է։
Նա գլուխը շրջեց և նայեց ինձ։
― Հիանալի է, չէ՞։
― Այո։ Իսկ հիմա փորձեք քնել, Մայքլ։ Դուք պետք է մի քիչ քնեք։
― Փոր֊ձում եմ։ Ուզում եմ մի քիչ քը֊նել։
Նա փակեց աչքերը։ Դուրս եկա սենյակից և կամաց ծածկեցի դուռը։ Բիլլը իմ սենյակում նստած թերթ էր կարդում։
― Մայքլին տեսա՞ր։
― Այո։
― Գնանք մի բան ուտենք։
― Ես ներքևում, այդ գերմանացու մոտ չեմ նախաճաշի։ Նա իրեն շատ վատ պահեց, երբ Մայքլին վերև էի տանում։
― Նա մեզ հետ էլ իրեն անպատշաճ պահեց։
― Գնանք նախաճաշենք քաղաքում։
Ցած իջանք։ Սանդուղքով վերև էր բարձրանում սպասուհին անձեռոցիկով ծածկված սկուտեղը ձեռքին։
― Բրեթի նախաճաշն է, ― ասաց Բիլլը։
― Եվ փոքրիկ տղայի, ― ասացի ես։
Դրսում, սյունաշարի տակ մեզ մոտեցավ գերմանացի մատուցողը։ Նրա կարմիր այտերը ճարպոտ փայլում էին։ Նա շատ քաղաքավարի էր։
― Ես սեղան եմ պահել երկու պարոնների համար, ― ասաց նա։
― Ինքներդ ճաշեք ձեր սեղանին, ― ասաց Բիլլը։ Մենք անցանք փողոց։
Նախաճաշեցինք հրապարակ դուրս եկող փողոցներից մեկում գտնվող ռեստորանում։ Ռեստորանում միայն տղամարդիկ էին։ Սարսափելի ծուխ էր, մարդիկ խմում էին ու երգում։ Ուտելիքը և գինին շատ լավն էին։ Մենք քիչ էինք խոսում։ Հետո գնացինք սրճարան նայելու, թե ինչպես է ֆիեստան հասնում իր եփ գալու կետին։ Նախաճաշից հետո շուտով եկավ Բրեթը։ Նա ասաց, որ մտել է Մայքլի սենյակը, նա քնած է։
Երբ ֆիեստան սկսեց լավ եփ գալ ու լցվել ցլամարտի հրապարակը, մենք էլ շարժվեցինք ամբոխի հետ։ Բրեթը նստել էր առաջին կարգում, իմ և Բիլլի հետ։ Ուղիղ մեր տակ կալեխոնն էր՝ անցումը առաջին կարգի և կարմիր փայտե ցանկապատի միջև։ Մեր ետև գտնվող բետոնե նստարաններն արագ լցվում էին։ Առջևում, կարմիր պատնեշից այն կողմ երևում էր դեղնագույն, հարթեցված մրցահրապարակը։ Ստվերում նա թվում էր անձրևից շատ ծանրացած, սակայն արևի տակ չոր էր, պինդ և հարթ։ Տեղի ծառայողներն ու ցլամարտիկների օգնականները գնում էին այդ անցումով ուռենուց հյուսված կողովները ուսերին։ Այդ կողովների մեջ պինդ փաթաթված դրված էին ցլամարտիկների թիկնոցները և մուլետաները։ Ցլամարտիկների օգնականները բացեցին ծանր կաշվե պատյանները, հենելով դրանք պատնեշին այնպես, որ երևային կարմիրով փաթաթած սուսերների կոթերը։ Նրանք բացում էին կարմիր, մուգ բծերով մուլետաները և դրանց մեջ փայտեր էին մտցնում, որպեսզի կտորը լավ ձգվի և ցլամարտիկն այն բռնելու հարմարություն ունենա։ Բրեթն ուշադիր հետևում էր նրանց։ Ցլամարտիկի մասնագիտությանը վերաբերող ամեն բան հետաքրքրում էր նրան։
― Նրա անունը գրված է բոլոր թիկնոցների և մուլետաների վրա, ― ասաց Բրեթը։ ― Իսկ ինչո՞ւ է այդ մուլետա կոչվում։
― Չգիտեմ։
― Կասկածում եմ, թե դրանք երբևէ լվանում են։
― Ես էլ եմ այդպես կարծում։ Լվանալուց կարող է գույնը գցել։
― Դրանք երևի արյունից կոշտացել են, ― ասաց Բիլլը։
― Տարօրինակ է, ― ասաց Բրեթը։ ― Բոլորովին ուշադրություն չես դարձնում արյանը։
Ցածում, նեղ անցումի մեջ, ցլամարտիկների օգնականներն ավարտում էին պատրաստությունները։ Բոլորն տեղերն զբացված էին։ Վերևում բոլոր օթյակները լիքն էին։ Ոչ մի ազատ տեղ չկար, բացի պրեզիդենտի օթյակից։ Երբ նա հայտնվի, մարտը կսկսվի։ Մեր դիմաց, հարթեցված ավազի մյուս կողմում կորրալի բարձր դռան մոտ կանգնած էին ցլամարտիկները, թիկնոցները ձեռներին գցած և խոսում էին՝ սպասելով մրցահրապարակ դուրս գալու ազդանշանին։ Բրեթը նայում էր նրանց հեռադիտակով։
― Ուզո՞ւմ եք նայել։
Նայեցի հեռադիտակով և տեսա բոլոր երեք ցլամարտիկներին։ Ռոմերոն կանգնած էր մեջտեղում, Բելմոնտեն՝ նրա ձախ կողմում, իսկ աջ կողմում կանգնած էր Մարսիալը։ Նրանց ետևում կանգնած էին օգնականները, իսկ ավելի հեռու, կորրալի դռան մոտ, անասնանոցի ազատ տարածության մեջ՝ պիկադորներն էին։ Ռոմերոն սև համազգեստով էր։ Նա եռանկյունի գլխարկը քաշել էր աչքերին։ Այդ գլխարկը խանգարում էր, որ նրա դեմքը տեսնեի, սակայն ինձ թվաց, որ բավական այլանդակված է։ Նա նայում էր ուղիղ իր առջև։ Մարսիալը թաքուն ծխախոտ էր ծխում, պահելով այն ձեռքի մեջ։ Բելմոնտեն նույնպես նայում էր իր առջև, դեմքը գունատ էր, հոգնած, երկար գայլային ծնոտը դուրս ցցված։ Նա նայում էր հայացքն անորոշ, տարածության մեջ հառած։ Ոչ նա, ոչ Ռոմերոն կարծես մյուսների հետ ոչ մի ընդհանուր բան չունեին։ Նրանք երկուսն էլ մենակ էին։ Եկավ պրեզիդենտը և նրանց գլխավերևում, օթյակներում ծափեր լսվեցին։ Ես հեռադիտակը տվեցի Բրեթին։ Սկսվեցին ծափահարություններ, հնչեց երաժշտություն։ Բրեթը նայում էր հեռադիտակով։
― Ահա, վերցրեք, ― ասաց նա։
Նայելով հեռադիտակով, տեսա, որ Բելմոնտեն խոսում է Ռոմերոյի հետ։ Մարսիալը ձգվեց, սիգարետը դեն նետեց, և երեք ցլամարտիկները ուղիղ իրենց առջև նայելով, ազատ ձեռքը թափ տալով կատարեցին իրենց հանդիսավոր երթը։ Նրանց հետևից շարժվեցին օգնականները՝ քայլելով միանման ու համաչափ, թիկնոցները բռնած և ազատ ձեռքերը թափ տալով, իսկ հետո գալիս էին պիկադորները՝ երկար նիզակները բարձր բռնած։ Երթի վերջում գալիս էին ջորիներ լծված երկու սայլ և ծառայողները։ Ցլամարտիկները, առանց եռանկյունի գլխարկները հանելու, գլուխ տվեցին պրեզիդենտի օթյակի առաջ, հետո մոտեցան մեր տակի պատնեշին։ Պեդրո Ռոմերոն հանեց ծանր, ոսկեթելով ասեղնագործված թիկնոցն ու պատնեշի վրայով տվեց ծառային։ Նա ինչ֊որ բան ասաց նրան։ Հիմա, երբ Պեդրո Ռոմերոն մեզնից շատ մոտ էր կանգնած, տեսանք, որ նրա շուրթերն այտուցված են և աչքերը կարծես գունաթափված։ Դեմքն այտուցված և անգույն էր։
Ռոմերոյի ծառան վերցրեց թիկնոցը, նայեց Բրեթին, մոտեցավ մեզ և թիկնոցը տվեց նրան։
― Փռեք ձեր առջև, ― ասացի ես։
Բրեթն առաջ հակվեց։ Թիկնոցը ծանր էր և վրայի ոսկուց չէր ծալվում։ Ռոմերոյի ծառան ետ նայեց, գլուխն օրորեց ու ինչ֊որ բան ասաց։ Իմ կողքի նստած մարդը թեքվեց դեպի Բրեթը։
― Նա չի ուզում, որ դուք թիկնոցը բացեք, ― ասաց նա։ ― Ուզում է, որ դուք այն ծալած պահեք ձեր ծնկներին։
Բրեթը ծալեց ծանր թիկնոցը։
Ռոմերոն մեր կողմը չէր նայում։ Նա խոսում էր Բելմոնտեի հետ։ Բելմոնտեն իր տոնական թիկնոցն ուղարկել էր իր ընկերներին։ Նա նայում էր նրանց՝ ժպտալով միայն շրթունքներով, գայլային ժպիտով։ Ռոմերոն կռացավ պատնեշի վրայից և ջուր խնդրեց։ Ծառան բերեց ջրով սափորը, և Ռոմերոն ջուր լցրեց իր մարտական թիկնոցի աստառին, հետո թիկնոցի եզրը կոշիկով տրորեց ավազի մեջ։
― Դա ինչի՞ համար էր, ― հարցրեց Բրեթը։
― Որպեսզի թիկնոցը ծանր լինի քամու ժամանակ։
― Նրա դեմքը լավ վիճակում չէ, ― ասաց Բիլլը։
― Նա իրեն շատ վատ է զգում, ― ասաց Բրեթը։ ― Նրան հիմա պետք էր անկողնում լինել։
Առաջին ցուլը Բելմոնտեինն էր։ Բելմոնտեն շատ լավ էր աշխատում։ Մի ելույթի համար նա ստանում էր երեսուն հազար պեսետ, մարդիկ ամբողջ գիշեր հերթ էին կանգնել տոմս ձեռք բերելու, որ տեսնեն նրան, ուստի ամբոխը պահանջում էր, որ նա շատ լավից էլ լավ աշխատի։ Բելմոնտեի հիմնական հմայքն այն էր, երբ նա ցլին շատ մոտ էր աշխատում։ Ցլամարտի մեջ գոյություն ունի ցլի տերիտորիա և ցլամարտիկի տերիտորիա։ Քանի դեռ ցլամարտիկն իր տերիտորիայում է, նա համեմատաբար ապահով է։ Ամեն անգամ, երբ նա ոտք է դնում ցլի տերիտորիան, նրան վտանգ է սպառնում։ Բելմոնտեն իր լավ ժամանակներին միշտ աշխատում էր ցլի տերիտորիայում։ Այդպիսով նա միշտ մոտալուտ ողբերգության զգացողություն էր առաջացնում։
Բացի այդ, Բելմոնտեն իր պայմաններն էր դնում, պահանջում էր, որ ցլերը շատ մեծ չլինեն և պոզերը շատ վտանգավոր չլինեն, ուստի ողբերգության հնարավորությունը գրեթե վերանում էր, և ամբոխը, երբ վիրախորշից թուլացած Բելմոնտեից պահանջում էր մի երեք անգամ ավելի, քան նա երբևէ ի վիճակի էր տալու, իրեն կողոպտված և խաբված էր զգում, և արհամարհանքից Բելմոնտեի գայլային ծնոտն ավելի էր առաջ ցցվում, դեմքն ավելի ու ավելի էր դեղնում, և քանի ցավը սաստկանում էր, նա շարժվում էր մեծ դժվարությամբ, որն ի վերջո հանգեց այն բանին, որ ամբոխն սկսեց ակտիվորեն արտահայտել իր դժգոհությունը, սակայն նրա դեմքն առաջվա նման արտահայտում էր արհամարհանք և անտարբերություն։ Նա կարծում էր, որ այսօր իր համար հաջող և նշանավոր օր է լինելու, մինչդեռ ծաղրի ու վիրավորանքի օր դարձավ, և ի վերջո բարձեր, հացի կտորտանքներ, բանջարեղեն շպրտվեցին մրցահրապարակ, այն մրցահրապարակը, որտեղ նա մի ժամանակ իր մեծագույն հաղթանակներն էր տարել։ Նրա ծնոտը ավելի էր դուրս ցցվում։ Մեկ֊մեկ, երբ նրան շատ վիրավորական բան էին բղավում, նա դառնում էր ու ժպտում իր մեծատամնավոր, անշուրթ գայլային ժպիտով, և ամեն շարժման հետ նրան տանջող ցավը ավելի ու ավելի էր սաստկանում, իսկ դեմքը դեղնից դարձել էր մագաղաթագույն, և միայն այն բանից հետո, երբ նա սպանեց երկրորդ ցուլին, երբ դադարեցին բարձեր ու հացի կտորտանքներ շպրտել, դրանից հետո միայն նա ողջունեց պրեզիդենտին, նույն գայլային ժպիտով և արհամարհական հայացքով, պատնեշի վրայով տվեց իր սուրը, որ մաքրեն ու դնեն պատյանը, մտավ կալեխոն և հենվեց պատնեշին հենց մեր տեղերի տակ, գլուխը ձեռքերի մեջ առած, ոչինչ չտեսնելով ու չլսելով, միայն լուռ դիմանալով ցավին։ Երբ վերջապես գլուխը բարձրացրեց, ջուր խնդրեց։ Նա մի քանի կում արեց, ողողեց բերանը, վերցրեց թիկնոցն ու մրցահրապարակ վերադարձավ։
Ամբոխը Բելմոնտեից դժգոհ էր, ուրեմն Ռոմերոյի կողմն էր։ Սկսած այն պահից, որ նա հեռացավ պատնեշից ու գնաց դեպի ցուլը, հանդիսատեսները շարունակ ծափահարում էին։ Բելմոնտեն նույնպես հետևում էր Ռոմեյրոյին, անընդհատ, սակայն թաքուն, ցույց չտալով այդ։ Մարսիալին նա ոչ մի ուշադրություն չէր դարձնում։ Նա առաջուց շատ լավ գիտեր, թե ինչ կարող է անել Մարսիալը։ Նա ցլամարտի էր վերադարձել Մարսիալի հետ մրցելու համար, իմանալով, որ հաղթանակն իրեն կպատկանի։ Նա կարծում էր, թե մրցելու է Մարսիալի և դեկադենտական դպրոցի մյուս աստղերի հետ, և գիտեր, որ իր ազնիվ աշխատանքով ի նպաստ իրեն կտարբերվի դեկադենտներտի կեղծ էսթետիկական աշխատանքից, որ մրցահրապարակում իր հայտնվելը միայն բավական կլինի հաջողության համար։ Ռոմերոյի պատճառով նրա վերադարձը ձախողվեց։ Ռոմերոն հանգիստ, սահուն, գեղեցիկ անում էր այն, և այն էլ մշտապես, ինչ հիմա Բելմոնտեն հազվադեպ միայն կարող էր իրեն թույլ տալ։ Եվ ամբոխը զգում էր դա, նույնիսկ Բիարրիցից եկած զբոսաշրջիկներն էին զգում այդ տարբերությունը, վերջապես նույնիսկ ամերիկյան դեսպանն այդ հասկացավ։ Այդպիսի մրցության Բելմոնտեն չէր կարող համարձակվել, քանի որ այն մի վերջ կարող էր ունենալ․ կամ ծանր կվիրավորվեր, կամ կմահանար։ Նա այլևս նախկին ուժը չուներ։ Նա այլևս մրցահրապարակում չէր ունենում ոգևորության այն ուժ տվող պահերը։ Նա արդեն չէր հավատում, որ այդպիսի պահեր ընդհանրապես լինում են։ Ամեն ինչ փոխվել էր, և կյանքն այժմ երբեմն֊երբեմն էր միայն բռնկվում նրա մեջ։ Հիմա էլ մեկ֊մեկ նրա աշխատանքի մեջ երևում էին նախկին փայլի հետքերը, բայց դրանք արժեք չունեին, որովհետև այդ բոլորը նա նախօրոք հաշվել էր, երբ մեքենայից իջնելով, պատնեշին հենված իր ծանոթի ցլաբուծարանից բերված ցլերի մեջ հարմար ցլեր էր ընտրում։ Դրա համար էլ նա գործ ուներ երկու ոչ մեծ, հանգիստ, փոքր պոզերով ցլերի հետ, և եթե նա երբեմն զգում էր, որ վերադառնում է իր նախկին շուքը, ― զգում էր իր մի փոքրիկ մասնիկով միայն, ոչ մի րոպե չդադարող ցավի միջից, ― ապա դա կանխապես հաշվարկված, գնված շուք էր, և նա ոչ մի հաճույք չէր ստանում դրանից։ Նա դեռ կարող էր փառք ունենալ, սակայն այդ միտքը բավական չէր, որ ցլամարտը նրա համար առաջվա պես ուրախություն լիներ։
Պեդրո Ռոմերոն ուներ այդ շուքը։ Նա սիրում էր ցլամարտը, երևում էր, որ սիրում է ցլերին, և երևում էր, որ սիրում է Բրեթին։ Ամբողջ օրը, եթե միայն դրա հնարավորությունը կար, նա աշխատում էր մեր դիմաց։ Նա ոչ մի անգամ չնայեց Բրեթին։ Դրա համար էլ նա աշխատում էր ավելի լավ և լավ էր աշխատում ոչ միայն Բրեթի, այլև իր համար։ Այն պատճառով, որ նա չէր նայում Բրեթին, նրա հավանությունը փնտրելու, նա ներքնապես անում էր ամեն ինչ իր համար, դրանից նա ավելի էր ուժեղանում, և ուրեմն ի վերջո նա այդ անում էր և Բրեթի համար։ Եվ անում էր այնպես, որ իրեն վնաս չէր լինում։ Իսկ գուցե և դրա համար էր, որ նա այդ ամբողջ օրը այդքան լավ էր աշխատում։
Նրա առաջին կիտեն<ref>Կիտե ― ցլին թիկնոցով խաբելը (իսպ․)։</ref> տեղի ունեցավ հենց մեր ներքևում։ Երեք ցլամարտիկն էլ պետք է հերթով հեռացնեն ցլին, այն բանից հետո, երբ նա նետվում է պիկադորի վրա։ Առաջինը Բելմոնտեն էր։ Երկրորդը՝ Մարսիալը։ Հետո Ռոմերոյի հերթը եկավ։ Երեքն էլ կանգնած էին ձիուց դեպի ձախ։ Պիկադորը գլխարկը ճակատին քաշած, նիզակը սուր անկյունով ուղղած դեպի ցուլը, խթանները խոր մխրճեց և սանձը ձախ ձեռքով պահած ստիպեց ձիուն շարժվել դեպի ցուլը։ Ցուլը լարված նայում էր։ Թվում էր, նայում է սպիտակ ձիուն, բայց իրականում հետևում էր նիզակի սրածայր եռանկյունուն։ Ռոմերոն նկատեց, որ ցուլն սկսում է գլուխը թեքել։ Նա չէր ուզում ձիու վրա հարձակվել։ Ռոմերոն թափահարեց թիկնոցն ու կարմիր գույնով գրավեց ցլի ուշադրությունը։ Ցուլն առաջ նետվեց, սակայն կարմիր թիկնոցի փոխարեն նրա առաջ հայտնվեց սպիտակ ձին, և պիկադորը, որ կռացել էր ձիու գլխի վրայից, ընկուզենու փայտից երկար փայտի պողպատյա սուր ծայրը մտցրեց ցլի թիակների միջև, ապա հենվելով նիզակին, նա այնպես թեքեց ձիուն, որ նիազակի սուր ծայրն ավելի խոր մխրճվեց ցլի թիակների մեջ, և արյուն հոսեց ցլի վերքից, որին պատրաստում էին Բելմոնտեի համար։
Վիրավոր ցուլը չէր համառում։ Նա ձիուն պոզահարելու մեծ ցանկություն չուներ։ Նա շտկվեց, հեռացավ պիկադորից և ձիուց, և Ռոմերոն նրան տարավ իր թիկնոցով։ Նա տարավ ցլին մեղմ, սահուն, հետո կանգ առավ և, ուղիղ ցլի դիմաց կանգնած, նրան մեկնեց թիկնոցը։ Ցլի պոչը վեր տնկվեց, նա առաջ նետվեց, և Ռոմերոն, ձեռքերը վեր պարզած, ոտները կիպ իրար կպցրած, տեղում պտտվեց։ Խոնավ ավազից ծանրացած թիկնոցն ուղղվեց ուռած առագաստի նման, և Ռոմերոն մի լրիվ պտույտ կատարեց հենց ցլի քթի տակ։ Հիմա նրանք կանգնած էին դեմ֊դիմաց։ Ռոմերոն ժպտաց։ Ցուլը նորից նետվեց առաջ, Ռոմերոյի թիկնոցի նորից ուռեց առագաստի նման, և նա նորից վերոնիկա<ref>Վերոնիկա ― ցլամարտիկի գործածած ձևերից է, տեղում պտտվում է (իսպ․)։</ref> արեց, այս անգամ մյուս կողմի վրա։ Ռոմերոն ցլին այնքան մոտ էր թողնում իրեն, որ մարդը, ցուլը և թիկնոցը, մի լրիվ պտույտ գործելով ցլի քթի տակ, միաձուլվում էին, ասես պարզորոշ շրջագծված մի ամբողջություն։ Այդ ամենը կատարվում էր այնքան անշտապ և համաչափ, որ թվում էր Ռոմերոն օրորելով քնեցնում է ցլին։ Նա այդպիսի չորս վերոնիկա կատարեց, ավարտեց կիսավերոնիկայով, որ նրան կանգնեցրեց մեջքով դեպի ցուլը և, թիկնոցը ձախ ձեռքին գցելով, աջով ազդրին հենված, նա շարժվեց ծափահարություններին ընդառաջ, իսկ ցուլն անշարժ կանգնած նայում էր նրա հեռացող մեջքին։
Իր ցլերի հետ նա աշխատում էր հոյակապ։ Նրա առաջին ցուլը վատ էր տեսնում։ Թիկնոցով կատարած երկու վերոնիկաներից հետո Ռոմերոն արդեն ստույգ գիտեր, թե ցլի տեսողությունն ինչ չափով է վնասված։ Եվ այդ պատճառով նա աշխատում էր դրան համապատասխան։ Դա, իհարկե, փայլուն ցլամարտ չէր։ Դա սոսկ անթերի ցլամարտ էր։ Ամբոխը պահանջում էր փոխել ցուլին։ Մեծ աղմուկ բարձրացավ։ Ոչ մի նշանակալի, գեղեցիկ բան չէր լինի անել այդ ցլի հետ, որի վրա կարմիր գույնը չէր ազդում, սակայն պրեզիդենտը ցուլը փոխելու հրաման չէր տալիս։
― Ինչո՞ւ ցուլը չեն փոխում, ― հարցրեց Բրեթը։
― Նրա համար վճարել են։ Չեն ուզում կորցնել իրենց փողը։
― Դա անազնվություն է Ռոմերոյի նկատմամբ։
― Մի տեսեք, թե նա ինչպես է աշխատում ցլի հետ, որը կարմիր գույն չի տեսնում։
― Չեմ սիրում նման բաների նայել։
Այնքան էլ հաճելի չէ նայել այդպիսի աշխատանքին, եթե այն մարդու նկատմամբ, որը ստիպված է այդպես աշխատել, անտարբեր չես։ Քանի որ ցուլը չէր տեսնում ոչ թիկնոցի գույնը, ոչ էլ մուլետայի վրայի կարմիր կտորը, Ռոմերոն ստիպված էր նրան գրգռել իր մարմնով։ Նա կիպ մոտենում էր ցլին, որ ցուլն իրեն տեսնի, իսկ երբ ցուլը նետվում էր նրա վրա, մուլետայով դիմագրավում էր հարձակումը և մարտն ավարտվում էր դասական դպրոցի ոճով։ Բիարրից եկած զբոսաշրջիկներին այդպիսի աշխատանքը դուր չէր գալիս։ Նրանք կարծում էին, թե Ռոմերոն վախենում է, քանի որ իր մարմնի փոխարեն ցլին դեմ տալով մուլետան, նա ամեն անգամ մի կես քայլ ետ էր քաշվում։ Նրանք գերադասում էին Բելմոնտեին, որ նմանակում էր ինքն իրեն, և Մարսիալին, որ նմանակում էր Բելմոնտեին։ Երեք այդ կարգի հանդիսատեսներ նստած էին մեր ետևում։
― Սա ինչի՞ց է վախենում։ Ցուլն այնքան հիմար է, որ միայն լաթի վրա է հարձակվում։
― Պարզապես երիտասարդ է։ Դեռ այդպիսի նրբություններ չի սովորել։
― Բայց իմ կարծիքով սկզբում նա թիկնոցով լավ էր աշխատում։
― Հավանաբար նյարդայնանում է։
Մրցահրապարակի կենտրոնում մեն֊մենակ Ռոմերոն շարունակում էր նույն խաղը ցլի հետ, իր մարմնով այնքան էր մոտենում, որ ցուլը բութ հայացքով նայում էր նրան, վերջապես կիպ մոտենում էր, և ցուլը մտածելով, որ արդեն կարելի է հարձակվել, գլուխը ձախ էր գցում, նետվում առաջ, սակայն Ռոմերոն վերջին վայրկյանին մի թեթև, աննշան շարժումով դեմ էր տալիս կարմիր մուլետան, և հենց դա էր այնքան զայրացնում Բիարրիցից եկած ցլամարտի մասնագետներին։
― Հիմա նա պետք է սպանի ցլին, ― ասացի ես Բրեթին։ ― Ցուլը դեռ ուժեղ է։ Չի թողել հալից գցեն։
Մրցահրապարակի կենտրոնում, ցլի դիմաց կանգնած, Ռոմերոն քաշեց սուրը մուլետայի ծալքի միջից, կանգնեց ոտնաթաթերի վրա։ Ցուլը հարձակվեց, Ռոմերոն նույնպես հարձակվեց։ Նա ձախ ձեռքով մուլետան գցեց ցլի մռութին, որ կուրացնի նրան, ցլի ձախ ուսն առաջ եկավ պոզերի մեջ, սուրն իջավ, և մի պահ ցուլը և ցլի վրա խոյացած Ռոմերոն՝ բարձր պահած աջ ձեռքով սեղմելով սրի կոթը, որ մինչև ծայրը մտել էր ցլի թիակների մեջտեղը, միաձուլվել, մի ամբողջություն էին կազմել։ Հետո այդ ամբողջությունը խախտվեց։ Ռոմերոն հեշտությամբ պոկվեց ցլից, կանգնել էր ձեռքը բարձր պահած, դեմքով դեպի ցուլը, և նրա սպիտակ վերնաշապիկը, որ պատռվել էր թևի տակ, ծածանվում էր քամուց, իսկ ցուլը, որի կարմիր կոթը թիակների արանքից ցցված, գլուխը կախ երերում էր, ոտները ծալվում էին։
― Հիմա կընկնի, ― ասաց Բրեթը։
Ռոմերոն այնքան մոտ էր կանգնած, որ ցուլը տեսնում էր նրան։ Ձեռքն այդպես բարձր պահած, նա խոսեց ցլի հետ։ Ցուլը իրեն հավաքեց, հետո գլուխն առաջ եկավ, ու սկսեց ընկնել՝ սկզբում դանդաղ, իսկ հետո միանգամից շրջվեց մեջքի վրա, չորս ոտները վերև տնկած։
Ռոմերոյին տվին սուրը, շեղբը դեպի ցած բռնած, մուլետան ձախ ձեռքին նա քայլեց դեպի պրեզիդենտի օթյակը, գլուխ տվեց, շտկվեց, մոտեցավ պատնեշին և սուրն ու մուլետան տվեց իր ծառային։
― Դժվար ցուլ էր, ― ասաց ծառան։
― Այո, ինձ քրտնեցրեց, ― ասաց Ռոմերոն։ Նա սրբեց դեմքը։ Ծառան սափորով ջուր տվեց նրան։ Ռոմերոն շրթունքները թրջեց։ Սափորից խմելը նրա համար ցավոտ էր։ Նա մեզ չնայեց։
Մարսիալի համար շատ հաջող օր էր։ Նրան դեռ ծափահարում էին, երբ մրցահրապարակ մտավ Ռոմերոյի վերջին ցուլը։ Դա հենց այն ցուլն էր, որ առավոտյան տեղից պոկվել էր և սպանել բազմությունից մի մարդու։
Առաջին ցլի հետ աշխատելիս Ռոմերոյի ծեծված դեմքը շատ նկատելի էր։ Յուրաքանչյուր շարժումից դեմքը բացվում էր։ Վատ տեսնող ցլի հետ այդ լարված, տանջալից աշխատանքը ավելի էր նկատելի դարձնում նրա դեմքը։ Կոնի հետ կռիվը չէր ընկճել նրան հոգեպես, չէր ազդել նրա քաջության վրա, սակայն նրա դեմքն այլանդակված էր, մարմինը ծեծված։ Հիմա նա ազատվում էր դրանից։ Նոր ցլի հետ կատարած ամեն շարժում ասես մաքրում էր նրա դեմքը։ Դա մի լավ, խոշոր, մեծ պոզերով ցուլ էր, և հնազանդ շրջվում էր ու հարձակվում։ Ռոմերոն հենց այդպիսի ցլեր էր սիրում։
Երբ նա մուլետայով իր աշխատանքն ավարտեց և պատրաստվում էր սպանել ցլին, ամբոխը պահանջեց, որ նա շարունակի։ Հանդիսատեսները չէին ուզում, որ այդ մարտը վերջանար։ Ռոմերոն շարունակում էր աշխատել։ Նա կարծես ցլամարտի դաս էր տալիս։ Գործադրեց բոլոր ձևերը, մեկը մյուսի ետևից, կատարում էր այդ ամենը անշտապ, սահուն, հստակ։ Ոչ մի հնարանք, ոչ մի խաբեություն չկար։ Ոչ մի կտրուկ շարժում չարեց։ Եվ ամեն անգամ, երբ սկսված ձևն իր գագաթնակետին էր հասնում, լարվածությունից մարդու սիրտ ցավով սեղմվում էր։ Ամբոխը պահանջում էր, որ դա շարունակվի անվերջ։
Ցուլը կանգնել ոտները չռած, վերջին հարվածին պատրաստ, և Ռոմերոն դրան սպանեց պատնեշի մոտ, հենց մեր ներքևում։ Սպանեց այնպես, ինչպես ինքն էր ուզում, ոչ նախկինի պես, որին սպանելու ուրիշ ելք չուներ։ Նա կանգնեց ուղիղ ցլի առջև, մուլետայից հանեց սուրն ու շեղբ ուղղեց ցլին։ Ցուլը նայում էր նրան։ Ռոմերոն խոսեց ցլի հետ և թեթևակի խփեց նրա ոտքին։ Ցուլը գլուխը կախ գցեց, պատրաստվելով հարձակման, իսկ Ռոմերոն սպասում էր նրան պինդ կանգնած, մուլետան կախ, սուրը՝ հարվածի պատրաստ։ Երբ Ռոմերոն թափ տվեց կախված մուլետան, ցուլը հարձակվեց նրա վրա, և Ռոմերոն, ոտներն էլ ավելի ամուր սեղմելով, առանց տեղից շարժվելու, սուրը խրեց ցլի թիակների արանքը, հետո ձախ թեքվեց, իր մարմնով ծածկելով մուլետան, և ամեն ինչ վերջացավ։ Ցուլը փորձեց առաջ գալ, սակայն ոտքերն սկսեցին ծալվել, օրորվեց, մի պահ դանդաղեց, ապա ընկավ ծնկներին, և Ռոմերոյի ավագ եղբայրը, ետևից մոտենալով, կռացավ ու կարճ դանակը մտցրեց ցլի ծոծրակը, հենց պոզերի հիմքերի մոտ։ Առաջին անգամ նա վրիպեց։ Նորից դանակը մտցրեց, և ցուլը գետին տապալվեց, ցնցվեց ու անշարժացավ։ Ռամերոյի եղբայրը, մի ձեռքով պոզը բռնած, մյուսով դանակը, նայեց դեպի պրեզիդենտի օթյակը։ Հրապարակով մեկ թաշկինակներ էին թափահարում։ Պրեզիդենտն իր օթյակից ցած նայեց և թափահարեց թաշկինակը։ Ռոմերոյի եղբայրը կտրեց մեռած ցլի սև, ծուռումուռ ականջն ու վազեց Ռոմերոյի մոտ։ Սև, ծանր ցուլը լեզուն դուրս գցած ընկած էր գետնին։ Հրապարակի բոլոր կողմերից տղաներ էին վազ տալիս դեպի ցուլը։ Նրանք շրջան կազմեցին ցլի շուրջ ու սկսեցին պարել։
Ռոմերոն եղբոր ձեռքից վերցրեց ականջն ու բարձրացրեց դեպի պրեզիդենտի օթյակը։ Պրեզիդենտը գլուխը խոնարհեց, և Ռոմերոն, ջանալով առաջ ընկնել իր ետևից վազող ամբոխից, մոտ վազեց մեզ։ Նա կռացավ պատնեշի վրայից և ականջը տվեց Բրեթին։ Հետո գլխով արեց և ժպտաց։ Ամբոխն արդեն շրջապատել էր նրան։ Բրեթը մեկնեց նրան թիկնոցը։
― Ձեզ դուր եկա՞վ, ― ձայն տվեց նա։
Բրեթը ոչինչ չասաց։ Նրանք նայեցին իրար, ժպտացին։ Բրեթն ականջը բռնել էր ձեռքին։
― Զգույշ, չարյունոտվեք, ― ասաց Ռոմերոն և ծիծաղեց։
Ամբոխը պահանջում էր նրան։ Մի քանի տղաներ գոռգոռալով ողջունում էին Բրեթին։ Ամբոխի մեջ այդ տղաներից բացի, կային պարողները և հարբածներ։ Ռոմերոն շրջվեց և փորձեց դուրս պրծնել դրանց միջից։ Սակայն մարդիկ խմբվել էին նրա շուրջ և փորձում էին նրան ձեռքերի վրա տանել։ Նա դիմադրում էր, մի կերպ դուրս պրծավ և այդպես ամբոխով շրջապատված վազեց դեպի ելքը։ Նա չէր ուզում, որ իրեն ձեռքերի վրա տանեն։ Բայց նրան բռնեցին և վեր բարձրացրին։ Նա իրեն անհարմար էր զգում, ոտները կախ էին ընկել, ամբողջ մարմինը ծեծված էր։ Նրանք, սակայն, բարձրացրին և այդպես տարան դեպի դարպասը։ Ռոմերոյի ձեռքն ինչ֊որ մեկի ուսին էր։ Նա շրջվեց և նայեց մեզ այնպես, ասես ներողություն էր խնդրում։ Ամբոխը նրա ետևից դուրս թափվեց փողոց։
Երեքով վերադարձանք հյուրանոց։ Բրեթը վերև բարձրացավ։ Ես և Բիլլը գնացինք առաջին հարկի ճաշարան, պինդ եփած ձու կերանք և մի քանի շիշ գարեջուր խմեցինք։ Եկավ Բելմոնտեն արդեն սովորական հագուստով, նրա հետ էին իր իմպրեսարիոն և երկու ուրիշ մարդիկ։ Նստեցին մեր կողքի սեղանին և ուտելիք պատվիրեցին։ Բելմոնտեն շատ քիչ էր ուտում։ Նրանք ժամը յոթի գնացքով մեկնում էին Բարսելոնա։ Բելմոնտեի հագին կապույտ գծերով վերնաշապիկ էր և մուգ գույնի բաճկոն։ Նա թերխաշ ձու կերավ։ Մյուսները ճաշեցին ըստ կարգի։ Բելմոնտեն չէր խոսում։ Միայն պատասխանում էր հարցերին։
Բիլլը հոգնած էր ցլամարտից։ Ես էլ էի հոգնած։ Ցլամարտը մեր երկուսի վրա էլ ազդում էր։ Լուռ ուտում էինք պինդ եփած ձվերը, և ես նայում է Բելմոնտեին ու նրա սեղանի շուրջ նստած մարդկանց։ Նրանք շատ լուրջ և գործարար մարդկանց տեսք ունեին։
― Գնանք սրճարան, ― ասաց Բիլլը։ ― Ուզում եմ աբսենթ խմել։
Ֆիեստայի վերջին օրն էր։ Երկինքը նորից ամպել էր։ Հրապարակը լեփ֊լեցուն էր մարդկանցով, հրարվեստի մասնագետները հրավառություն էին պատրաստում երեկոյան համար, ու դրանք ծածկում էին հաճարենու ճյուղերով։ Նրանց շուրջ խմբվել էին տղաներ ու կանգնած նայում էին։ Մենք անցանք բամբուկե երկար փայտերի վրա ամրացրած հրթիռների շարքի կողքից։ Սրճարանի առջև մեծ բազմություն էր հավաքված։ Պարերն ու երաժշտությունը շարունակվում էին։ Մարդկանց առջևով անց էին կացնում հսկաների և թզուկների։
― Էդնան որտե՞ղ է, ― հարցրի Բիլլին։
― Չգիտեմ։
Նայում էինք, թե ինչպես է իջնում ֆիեստայի վերջին օրվա երեկոն։ Աբսենթի ազդեցության տակ ամեն ինչ լավ էր թվում։ Ես խմում էի առանց շաքարի և այն հաճելի դառը համ ուներ։
― Ես խղճում եմ Կոնին, ― ասաց Բիլլը։ ― Նրա համար շատ ծանր էր։
― Էհ, գրողի ծոցը կորչի այդ Կոնը, ― ասացի ես։
― Ինչ ես կարծում, նա ո՞ւր գնաց։
― Փարիզ։
― Իսկ ի՞նչ պիտի անի նա այնտեղ, հը՞։
― Օհ, թող գրողի ծոցը կորչի։
― Չէ, քո կարծիքով նա ի՞նչ պիտի անի։
― Կմիանա հավանաբար իր նախկին սիրուհու հետ։
― Իսկ ո՞վ էր նրա նախկին սիրուհին։
― Ֆրենսիս անունով մեկը։
Եվս մեկական աբսենթ խմեցինք։
― Ե՞րբ ես մեկնում, ― հարցրի ես։
― Վաղը։
Քիչ անց Բիլլն ասաց․
― Էհ, ֆիեստան հիանալի էր։
― Այո, ― ասացի ես։ ― Շարունակ մի բանով զբաղված էինք։
― Անհավատալի է։ Կարծես մի հիասքանչ մղձավանջ լիներ։
― Այո, ― ասացի։ ― Ես հավատում եմ ամեն ինչին։ Նաև մղձավանջներին։
― Ի՞նչ է պատահել։ Վա՞տ ես զգում։
― Սարսափելի վատ։
― Մի աբսենթ էլ խմիր, ― ասաց Բիլլը։ ― Հեյ, մատուցող։ Եվս մի աբսենթ բերեք այս պարոնի համար։
― Ինձ շատ վատ եմ զգում, ― ասացի ես։
― Խմիր, ― ասաց Բիլլը, ― խմիր դանդաղ։
Մթնում էր։ Ֆիեստան շարունակվում էր։ Արդեն սկսում էի հարբել, բայց դրանից ինձ բնավ ավելի լավ չզգացի։
― Հիմա ինչպե՞ս ես։
― Շատ վատ։
― Ոզո՞ւմ ես մի հատ էլ խմես։
― Չի օգնի։
― Փորձիր։ Չես իմանա, միգուցե հենց այս մեկն օգնի։ Էյ, մատուցող, աբսենթ բերեք այս պարոնի համար։
Աբսենթի մեջ անմիջապես ջուր լցրեցի և խառնեցի, չթողնելով, որ այն կաթիլ֊կաթիլ լցվի։ Բիլլը մի կտոր սառույց գցեց բաժակի մեջ։ Գդալով խառնեցի սառույցն այդ պղտոր շագանակագույն խառնուրդի մեջ։
― Դե, ինչպե՞ս է։
― Հիանալի։
― Այդպես արագ մի խմիր։ Սիրտդ կխառնի։
Բաժակը ցած դրեցի։ Բոլորովին էլ մտադիր չէի արագ խմել։
― Ես հարբած եմ։
― Այդպես էլ պետք է լիներ։
― Դու այդ էիր ուզում, չէ՞։
― Այո։ Խմիր։ Ազատվիր այդ թախիծից։
― Շատ լավ, արդեն հարբած եմ։ Ա՞յդ էիր ուզում։
― Նստիր։
― Չեմ ուզում, ― ասացի։ ― Գնում եմ հյուրանոց։
Ես շատ հարբած էի։ Չեմ հիշում, թե երբևէ այդքան հարբած լինեի։ Հյուրանոց գալով, բարձրացա վերև։ Բրեթի սենյակի դուռը կիսաբաց էր։ Գլուխս ներս մտցրի։ Մայքը նստած էր մահճակալին։ Նա ինձ նշան արեց շշով։
― Ջեյք, ― ասաց նա։ ― Եկեք, Ջեյք։
Ներս մտա սենյակ և նստեցի։ Սենյակն աչքիս պտտվում էր, եթե հայացքս մի կետի գամված չպահեի։
― Գիտեք, Բրեթը գնաց այդ ցլամարտիկի հետ։
― Չի կարող պատահել։
― Պատահել է։ Նա ձեզ էր որոնում, ուզում էր հրաժեշտ տալ։ Նրանք մեկնեցին ժամը յոթի գնացքով։
― Իսկապե՞ս։
― Նա շատ վատ արեց, ― ասաց Մայքը։ ― Նա այդ չպետք է աներ։
― Այո։
― Ուզո՞ւմ եք խմել։ Սպասեք, հիմա կզանգեմ, որ գարեջուր բերեն։
― Ես հարբած եմ, ― ասացի։ ― Գնում եմ պառկեմ։
― Թունդ եք հարբած։ Ես թունդ եմ հարբած։
― Այո, ― ասացի։ ― Ես էլ եմ թունդ հարբած։
― Դե, լավ, ― ասաց Մայքը։ ― Գնացեք քնեք, Ջեյք։
Դուրս եկա նրա մոտից, գնացի իմ սենյակ և պառկեցի մահճակալին։ Մահճակալս ճոճվում էր, տեղիցս բարձրացա ու սկսեցի նայել առաստաղին, որպեսզի այդ ճոճվելը դադարի։ Դրսում, հրապարակում ֆիեստան շարունակվում էր։ Սակայն այն այլևս կորցրել էր իր իմաստը։ Ավելի ուշ եկան Մայքլն ու Բիլլը, կանչում էին ինձ իրենց հետ ճաշելու։ Քնած ձևացա։
― Նա քնած է։ Ավելի լավ է նրան մենակ թողնենք։
― Նա թունդ հարբած է, ― ասաց Մայքը, և նրանք դուրս եկան։
Տեղիցս վեր կացա, դուրս եկա պատշգամբ և սկսեցի նայել, թե ինչպես էին պարում հրապարակում։ Աշխարհը դադարեց պտտվել։ Հիմա ես այն տեսնում էի հստակ, որոշակի, թերևս փոքր֊ինչ մշուշոտ եզրերում։ Լվացվեցի, մազերս սանրեցի։ Հետո իջա ցած, ճաշարան։
― Ահա և նա, ― ասաց Բիլլը։ ― Մեր լավ Ջեյքը։ Ես գիտեի, համոզված էի, որ դուք չեք հարբի։
― Հելլո, ծեր հարբեցող, ― ասաց Մայքը։
― Քաղց զգացի և արթնացա։
― Մի քիչ սուպ կեր, ― ասաց Բիլլը։
Ճաշեցինք երեքով, սեղանի շուրջը նստած, սակայն այնպիսի մի զգացում ունեինք, որ մեր սեղանից պակասում են ամենաքիչը վեց հոգի։
=Գիրք երրորդ=
==Գլուխ տասնիններորդ==
Առավոտյան արդեն այդ բոլորն անցյալ էր։ Ֆիեստան վերջացել էր։ Ժամը իննի մոտ արթնացա, լոգանք ընդունեցի, հագնվեցի և ցած իջա։ Հրապարակը դատարկ էր, փողոցներն՝ ամայի։ Հրապարակում երեխաները հրթիռների փայտիկներն էին հավաքում։ Սրճարանները նոր էին բացվում, մատուցողները դուրս էին բերում հարմար, սպիտակ հյուսկեն աթոռները և տեղավորում սյունաշար ստվերի տակ, մարմարյա սեղանների շուրջ։ Ամեն տեղ ավլում էին փողոցներն ու ջրով լվանում։
Նստեցի հարմար հյուսկեն մի աթոռի և հենվեցի թիկնակին։ Մատուցողը չէր շտապում մոտենալ ինձ։ Ցլերի բեռնաթափման մասին հայտարարությունները և լրացուցիչ գնացքների չվացուցակները դեռ փակցված էին պատերին։ Դուրս եկավ կապույտ գոգնոց հագած մի մատուցող դույլով ջուրը և լաթի կտորը ձեռքին և սկսեց պոկել հայտարարությունները, շերտ֊շերտ պոկելով թուղթը և ձեռքի լաթով լվանալով այն մասերը, որտեղ թուղթը կպել էր քարին։ Ֆիեստան ավարտվել էր։
Մի սուրճ խմեցի, քիչ հետո եկավ Բիլլը։ Նայում էի, թե նա ինչպես է անցնում հրապարակը։ Նա նստեց իմ սեղանի շուրջ և սուրճ պատվիրեց։
― Դե, ― ասաց նա, ― ֆիեստան վերջացավ։
― Այո, ― ասացի։ ― Դու ե՞րբ ես մեկնում։
― Դեռ չգիտեմ։ Միգուցե մեքենա՞ վերցնենք։ Դու Փարիզ չե՞ս գալիս։
― Ոչ։ Ես դեռ մի շաբաթ էլ կարող եմ մնալ։ Կգնամ, հավանաբար, Սան֊Սեբաստիան։
― Իսկ ես ուզում եմ վերադառնալ։
― Մայքը ի՞նչ է մտադիր անել։
― Նա գնում է Սեն֊Ժան֊դե֊Լյուս։
― Եկեք մեքենա վերցնենք և բոլորս միասին գնանք մինչև Բայոննա։ Դու կարող ես այնտեղից երեկոյան գնացքը նստել։
― Լավ։ Նախաճաշից հետո գնանք։
― Պայմանավորվեցինք։ Ես կվարձեմ մեքենան։
Նախաճաշեցինք և վճարեցինք հաշիվը։ Մոնտոյան մեզ չէր մոտենում։ Հաշիվը բերեց սպասուհիներից մեկը։ Մեքենան մուտքի մոտ սպասում էր մեզ։ Վարորդը իրերի մի մասը տեղավորեց մեքենայի տանիքին և կապեց, մնացածը դրեց իր կողքին, ու մենք նստեցինք։ Մեքենան դուրս եկավ հրապարակից, անցավ կողքի փողոցներով, ծառերի տակով, հետո սկսեց իջնել, հեռանալով Փամփլոնայից։ Ճանապարհն ինձ այնքան էլ երկար չթվաց։ Մայքը մի շիշ ֆունդադոր ուներ։ Ես միայն երկու անգամ կում արեցի։ Մենք անցանք սարերն ու մեր ետևում թողեցինք Իսպանիան սպիտակ ճանապարհներով, անցանք սաղարթախիտ խոնավ, կանաչ Բիսկայան և վերջապես հասանք Բայոննա։ Բիլլի իրերը պահ տվեցինք կայարանում, նա տոմս գնեց մինչև Փարիզ։ Նրա գնացքն մեկնում էր ժամը յոթն անց տասը րոպեին։ Դուրս եկանք կայարանից։ Մեքենան դրսում, մուտքի դիմաց սպասում էր։
― Մեքենան ի՞նչ ենք անելու, ― հարցրեց Բիլլը։
― Էհ, անհանգստանալու բան գտար, ― ասաց Մայքը։ ― Եկեք դեռ մի քիչ պահենք։
― Լավ, ― ասաց Բիլլը։ ― Ո՞ւր գնանք։
― Գնանք Բիարրից և խմենք։
― Մեր ծերուկ Մայքը շռայլ վատնող է, ― ասաց Բիլլը։
Գնացինք Բիարրից և մեքենան թողեցինք շատ շքեղ մի ռեստորանի առաջ։ Մտանք բար, նստեցինք բարձր աթոռներին և սոդայով վիսկի խմեցինք։
― Խմիչքի համար վճարում եմ ես, ― ասաց Մայքը։
― Եկեք զառ գցենք։
Պոկերի զառեր գցեցինք խոր կաշվե գավաթի միջից։ Առաջին անգամ շահեց Բիլլը։ Մայքն ինձ տանուլ տվեց և բարմենին տվեց հարյուրֆրանկանոց թղթադրամ։ Մի ըմպանակ վիսկին արժեր տասներկու ֆրանք։ Մենք նորից խմեցինք, և դարձյալ տանուլ տվեց Մայքը։ Ամեն անգամ նա բարմենին նաև թեյադրամ էր թողնում։ Կողքի սենյակում շատ լավ ջազ էր նվագում։ Դա հաճելի բար էր։ Մենք էլի խմեցինք։ Հենց առաջին անգամից ես շահեցի, դուրս եկավ չորս թագավոր։ Բիլլն ու Մայքլը շարունակում էին խաղալ։ Մայքլը չորս զինվոր հանեց և շահեց։ Երկրորդ անգամ շահեց Բիլլը։ Վերջին, վճռական խաղում Մայքը հանեց երեք թագավոր և լրացուցիչ խաղաթուղթ չվերցրեց։ Նա զառերով բաժակը տվեց Բիլլին։ Բիլլը վերցրեց այն, թափ տվեց զառերը․ դուրս եկան երեք թագավոր, մեկնոց և աղջիկ։
― Դուք եք վճարում, Մայք, ― ասաց Բիլլը։ ― Ծերուկ Մայքը խաղանենգ է։
― Ցավում եմ, ― ասաց Մայքը, ― սակայն վճարել չեմ կարող։
― Ի՞նչ է պատահել։
― Փող չունեմ, ― ասաց Մայքը։ ― Ոչինչ չի մնացել։ Գրպանումս ընդամենը քսան ֆրանկ է։ Ահա, վերցրեք։
Բիլլը մի քիչ այլայլվեց։
― Ես հազիվ կարողացա վճարել Մոնտոյային։ Փառք աստծու, որ գոնե այդքան ունեք։
― Չեկ գրեք, ձեզ փող կտամ, ― ասաց Բիլլը։
― Դուք, իհարկե, շատ սիրալիր եք, սակայն, հասկանո՞ւմ եք, ես չեկ գրելու իրավունք չունեմ։
― Իսկ որտեղի՞ց եք փող գտնելու։
― Օհ, մի քիչ փող դեռ կստանամ։ Ինձ պետք է ուղարկեն կես ամսվա համար։ Սեն֊Ժան֊դե֊Լյուիսում կա մի հյուրանոց, որտեղ ես կարող եմ ապրել պարտքով։
― Մեքենան ի՞նչ ենք անելու, ― հարցրեց ինձ Բիլլը։ ― Ուզո՞ւմ եք պահել։
― Դրանից ոչինչ չի փոխվում։ Թեև պահելն էլ ավելորդ է։
― Հիանալի է։ Այս անգամ ես եմ վճարում, ― ասաց Բիլլը։ Իսկ Բրեթը փող ունի՞, ― նա դարձավ Մայքին։
― Չեմ կարծում։ Մոնտոյայի գրեթե ամբողջ հաշիվը նրա փողով եմ փակել։
― Նա փող չունի՞ իր հետ, ― հարցրի ես։
― Չեմ կարծում։ Նա երբեք փող չի ունենում։ Ստանում է տարեկան հինգ հարյուր ֆունտ, դրանից երեք հարյուր հիսունը տոկոսներ է տալիս հրեաներին։
― Լավ աղբյուր են գտել, ― ասաց Բիլլը։
― Այո։ Նրանք իրականում հրեաներ չեն։ Մենք ենք նրանց այդպես հրեա ասում։ Կարծեմ շոտլանդացիներ են։
― Մի՞թե նա բոլորովին փող չունի իր հետ, ― հարցրի ես։
― Դժվար թե ունենա։ Ինչ որ ուներ, բոլորը տվեց ինձ մեկնելուց առաջ։
― Էհ, ― ասաց Բիլլը, ― երևի մի հատ էլ խմենք։
― Հիանալի միտք, ― ասաց Մայքը։ ― Փողի մասին խոսելուց ոչինչ չի փոխվում։
― Ճիշտ է, ― ասաց Բիլլը։
Ես և Բիլլը զառ գցեցինք, թե ով պիտի վճարի։ Բիլլը տանուլ տվեց և վճարեց։ Դուրս եկանք դեպի մեզ սպասող մեքենան։
― Մայքլ, դուք ո՞ւր կուզեք գնալ, ― հարցրեց Բիլլը։
― Եկեք հենց այնպես մի քիչ մեքենայով շրջենք։ Գուցե դա բարձրացնի ապառիկի հնարավորությունները։ Մի քիչ շրջենք։
― Շատ լավ։ Ես ուզում եմ տեսնել առափնյակը։ Գնանք Անդայ։
― Այնտեղ ես ապառիկ տվող չունեմ։
― Դժվար է հաստատ ասել, ― ասաց Բիլլը։
Շարժվեցինք ծովափի երկայնքով ձգվող ճանապարհով։ Երևում էին կանաչ մարգագետինները, տեղ֊տեղ մեկ էլ տեսնում էիր սպիտակ, կարմիր տանիքով առանձնատներ, այս ու այնտեղ փոքրիկ անտառակներ և տեղատվության պատճառով ափից դեպի կապույտ ծովի խորքը նահանջող գանգրացող ալիքներ։ Անցանք Սեն֊Ժան֊դե֊Լյուիսի և ծովափնյա մի քիչ հեռու ընկած մյուս փոքրիկ քաղաքների մոտով։ Բլրաշատ հարթավայրի ետևում, որով առաջ էինք շարժվում, երևում էին մեզ Փամփլոնայից բաժանող լեռները։ Ճանապարհը շարունակում էր առաջանալ։ Բիլլը նայեց ժամացույցին։ Վերադառնալու ժամանակն էր։ Նա բախեց ապակին և վարորդին կարգադրեց ետ դառնալ։ Մեքենան շրջվելիս ետևի մասով մտավ ճանապարհաեզրի խոտերի մեջ։ Մեր ետևում անտառն էր, առջևում, մեզնից ցած՝ մարգագետինը, իսկ նրանից հետո ծովը։
Կանգ առանք Սեն֊Ժան֊դե֊Լյուիսում, այն հյուրանոցի մուտքի մոտ, որտեղ պատրաստվում էր ապրել Մայքը։ Նա դուրս եկավ մեքենայից, վարորդը տարավ նրա ճամպրուկները։ Մայքը կանգնած էր մեքենայի մոտ։
― Գնաք բարով, տղաներ, ― ասաց Մայքը։ ― Հիանալի ֆիեստա էր։
― Մնաք բարով Մայքլ, ― ասաց Բիլլը։
― Շուտով կհանդիպենք, ― ասացի ես։
― Փողի մասին չանհանգստանաք, ― ասաց Մայքը։ ― Ջեյք, դուք կվճարեք մեքենայի համար, իսկ ես իմ մասը կուղարկեմ։
― Մնաք բարով, Մայքլ։
― Գնաք բարով, տղաներ։ Ձեզ հետ շատ լավ էր։
Սեղմեցինք նրա ձեռքը։ Մեքենան շարժվեց, և մենք նրան ձեռքով արեցինք։ Նա ճանապարհին կանգնած նայում էր մեր ետևից։ Բայոննա հասանք անմիջապես գնացքի շարժվելուց առաջ։ Բեռնակիրը բերեց Բիլլի ճամպրուկները պահասենյակից։ Ես ճանապարհեցի նրան մինչև կառամատույցի վանդակապատը։
― Դե, մնաս բարով, Ջեյք, ― ասաց Բիլլը։
― Գնաս, բարով, բարեկամս։
― Լավ էր։ Ես հիանալի ժամանակ անցկացրի։
― Փարիզում կմնա՞ս։
― Ոչ։ Տասնյոթին նավ եմ նստում։ Մնաս բարով, բարեկամս։
― Գնաս բարով, Բիլլ։
Նա բացեց վանդակապատի դռնակն ու մոտեցավ գնացքին։ Բեռնակիրը գնում էր առջևից, ճամպրուկները ձեռքին։ Տեսա ինչպես շարժվեց գնացքը։ Բիլլը կանգնած էր պատուհաններից մեկի մոտ։ Պատուհանը հեռացավ, ամբողջ գնացքը հեռացավ, ռելսերը դատարկվեցին։ Քայլեցի դեպի ավտոմեքենան։
― Որքա՞ն պետք է վճարեմ, ― հարցրի վարորդին։ Մինչև Բայոննա հասցնելու համար պայմանավորվել էինք հարյուր հիսուն պեսետ վճարել։
― Երկու հարյուր պեսետ։
― Իսկ ինչքա՞ն կվերցնեք, եթե վերադարձի ճանապարհին ինձ Սան֊Սեբաստիան տանեք։
― Հիսուն պեսետ։
― Դուք կատակո՞ւմ եք։
― Երեսունհինգ պեսետ։
― Այդ ճանապարհն այդքան չարժե, ― ասացի ես։ ― Տարեք ինձ «Պանյե Ֆլորի» հյուրանոց։
Հյուրանոցի մուտքի մոտ վճարեցի վարորդին և թեյանվեր թողեցի։ Մեքենան ամբողջապես փոշեծածկ էր։ Կարթի պարանը քսեցի մեքենայի ապակուն։ Այդ փոշին վերջին բանն էր, որ ինձ կապում էր Իսպանիայի և ֆիեստայի հետ։ Վարորդը միացրեց շարժիչը և մեքենան շրջվեց ու գնաց փողոցով։ Տեսա, թե այն ինչպես թեքվեց ու առաջացավ Իսպանիա տանող ճանապարհով։ Մտա հյուրանոց և սենյակ վերցրի։ Ինձ տվեցին այն նույն սենյակը, որտեղ ապրում էի այն ժամանակ, երբ Բիլլը, Կոնը և ես Բայոննայում էինք։ Թվում էր, թե դա վաղուց, շատ վաղուց էր։ Լվացվեցի, փոխեցի վերնաշապիկս և գնացի քաղաք։
Լրագրերի կրպակում գնեցի «Նյու Յորք Հերալդ» և մտա սրճարան թերթս կարդալու։ Մի տեսակ տարօրինակ էր, որ նորից Ֆրանսիայում էի։ Այստեղ խաղաղ, իսկական գավառական անդորր էր։ Արդեն սկսել էի ափսոսալ, որ Բիլլի հետ Փարիզ չմեկնեցի, սակայն Փարիզը ինչ֊որ իմաստով կդառնար ֆիեստայի շարունակությունը։ Իսկ ես ավելի քան հագեցած էի ֆիեստաներից։ Սան֊Սեբաստիանում շատ խաղաղ կլինի։ Օգոստոսից շուտ այնտեղ շատ մարդ չի հավաքվում։ Լավ սենյակ կվարձեմ հյուրանոցում, կկարդամ ու կլողանամ։ Այնտեղ հիանալի լողափ է։ Ծովափին մեծ, լավ ծառեր են աճում, և շատ երեխաներ են իրենց դայակների հետ այնտեղ հանգստանում ամառը, մինչև սեզոնի բացվելը։ Երեկոները «Մարինաս» սրճարանի դիմաց, ծառերի տակ նվագում է նվագախումբը։ Կնստեմ «Մարինաս» սրճարանում և երաժշտություն կլսեմ։
― Ձեզ մոտ ներսում ինչպե՞ս են կերակրում, ― հարցրեցի մատուցողին։ Սրճարանին կից ռեստորան էր։
― Լավ։ Շատ լավ։ Այստեղ շատ լավ են կերակրում։
― Հիանալի է։
Ներս մտա ռեստորան և ճաշեցի։ Ֆրանսիայի համար դա շատ ճոխ և առատ կերակուր էր, սակայն իսպանական ուտելիքներից հետո այն ինձ աղքատիկ թվաց։ Որևէ ընկերակցություն չունենալու պատճառով պատվիրեցի մի շիշ «Շատո մարգո»։ Հաճելի էր խմել գինին, խմել դանդաղ, մենակ, վայելելով այն։ Գինու շիշը լավ ընկերակցություն է։ Հետո սուրճ խմեցի։ Մատուցողն ինձ առաջարկեց «Իսսարա» կոչվող բիսկայան լիքյոր։ Նա բերեց լիքյորի շիշն ու լցրեց իմ ըմպանակը։ Ասաց, որ իսսարան պատրաստում են Պիրինեյներում աճող ծաղիկներից։ Իսկական պիրենեյան ծաղիկներից։ Լիքյորը տեսքով նման էր վեժետալի<ref>Վեժետալ ― բույս (ֆր․)։</ref> հյութի, իսկ հոտը իտալական ստրեգա լիքյորին էր նման։ Մատուցողին ասացի, որ ինձնից հեռացնի այդ պիրենեյան ծաղիկները և ինձ համար ֆրանսիական vieux marc բերի։ Marc֊ը շատ լավն էր։ Սուրճից հետո մի ըմպանակ էլ խմեցի։
Մատուցողն, ըստ երևույթին, մի քիչ վիրավորվել էր պիրենեյան ծաղիկների համար, ուստի ես նրան ավել թեյանվեր տվեցի։ Դա նրան ուրախացրեց։ Հաճելի է ապրել մի երկրում, որտեղ այդքան հեշտ է մարդկանց ուրախություն պատճառել։ Իսպանիայում երբեք չես կարողանա նախօրոք իմանալ, թե շնորհակալ կլինի՞ քեզնից մատուցողը։ Ֆրանսիայում ամեն ինչ որոշակիորեն դրված է ֆինանսական հիմքի վրա։ Երևի ոչ մի տեղ այդպես հեշտ չէ ապրելը։ Ոչ ոք չի բարդացնում հարաբերությունները ինչ ու ինչ անհայտ պատճառներով դառնալով քո ընկերը։ Եթե ուզում ես, որ մարդիկ քեզ սիրեն, պետք է միայն մի քիչ փող ծախսես։ Ես մի քիչ փող ծախսեցի, և մատուցողն ինձ սիրեց, գնահատեց իմ արժանիքները։ Նա երջանիկ կլինի ինձ նորից տեսնելու։ Կպատահի, որ նորից կգամ այստեղ ճաշելու, և նա ուրախ կլինի ինձ տեսնելու, և կկամենա, որ իր սեղանին նստեմ։ Դա կլինի անկեղծ սեր, որովհետև ունի տրամաբանական հիմք։ Այո, ես նորից Ֆրանսիայում էի։
Հաջորդ օրը հյուրանոցում ես բոլորին ավել թեյադրամ տվեցի, որպեսզի էլ ավելի բարեկամներ ունենամ, և առավոտյան գնացքով մեկնեցի Սան֊Սեբաստիան։ Կայարանում բեռնակրին ավել թեյադրամ չտվեցի, որովհետև վստահ չէի, թե նրան նորից կհանդիպեմ։ Ուզում էի միայն մի քանի լավ բարեկամ ֆրանսիացիներ ունենալ Բայոննայում, որպեսզի ինձ լավ ընդունեն, եթե պատահի, որ նորից այնտեղ վերադառնամ։ Գիտեի, որ եթե ինձ հիշեն, անպայման հավատարիմ բարեկամներ են լինելու։
Իրունում պետք է գնացքը փոխեինք, ուստի հարկ եղավ անձնագիր ցույց տալ։ Չէի ուզում հեռանալ Ֆրանսիայից։ Կյանքն այնքան հեշտ էր այստեղ։ Գիտեի, որ Իսպանիա վերադառնալս հիմարություն է։ Իսպանիայում երբեք նախօրոք չգիտես, թե ինչ կլինի։ Գիտեի, որ Իսպանիա վերադառնալը հիմարություն է, բայց հերթ կանգնեցի անձնագիրս ցույց տալու, բացեցի ճամպրուկս և ցույց տվեցի պարունակությունը մաքսատան ծառայողին, տոմս գնեցի, անցա դռնով, նստեցի գնացք և քառասուն րոպեից և ութ թունել անցնելուց հետո հասա Սան֊Սեբաստիան։
Նույնիսկ շոգ օրին Սան֊Սեբաստիանում ասես առավոտյան զով է զգացվում։ Թվում է, թե ծառերի տերևները երբեք չոր չեն։ Փողոցները կարծես նոր ջրած լինեն։ Ամենաշոգ օրերին էլ որոշ փողոցներում միշտ զով է և ստվերոտ։ Գնացի այն հյուրանոցը, որտեղ առաջ ապրել էի, ինձ տվեցին պատշգամբով սենյակ, որտեղից տեսարան էր բացվում քաղաքի տանիքների վրա։ Տանիքներից այն կողմ երևում էր կանաչ լեռնալանջը։
Բացեցի ճամպրուկներս, գրքերը շարեցի մահճակալի գլխավերևում դրված սեղանիկին, հանեցի սափրվելու պարագաները, հագուստներիցս մի քանիսը կախեցի պահարանում և հավաքեցի սպիտակեղենս, որ տամ լվանալու։ Հետո լողարանում ցնցուղ ընդունեցի և գնացի նախաճաշելու։ Իսպանիայում ժամերը դեռ չէին փոխել ամառայինի, ուստի ես շուտ էի գնացել։ Ժամացույցս հարմարեցրի տեղի ժամին։ Սան֊ Սեբաստիան գալով, շահել էի մի ժամ։
Երբ մտնում էի ճաշարան, դռնապանը ինձ տվեց ոստիկանության գրանցման ձևը, որ լրացնեմ։ Լրացրի թերթիկը, ստորագրեցի, խնդրեցի, որ ինձ երկու բլանկ տա, հետո հեռագիր ուղարկեցի Մոնտոյայի հյուրանոց՝ խնդրելով ինձ հասցեագրված բոլոր նամակներն ու հեռագրերը ուղարկել նշված հասցեով։ Հաշվեցի, թե մոտավորապես քանի օր կլինեմ Սան֊Սեբաստիանում, և հեռագիր ուղարկեցի խմբագրություն՝ խնդրելով՝ որ իմ հասցեով եկած փոստը պահեն, իսկ հեռագիրը վեց օրվա ընթացքում ուղարկեն Սան֊Սեբաստիան։ Դրանից հետո արդեն գնացի նախաճաշելու։
Նախաճաշից հետո գնացի իմ սենյակ, մի քիչ կարդացի և քնեցի։ Երբ արթնացա, ժամը չորսն անց կես էր։ Հանեցի լողազգեստս, սանրի հետ այն փաթաթեցի սրբիչի մեջ, դուրս եկա փողոց և գնացի Կոնչա ծովախորշ։ Սկսվում էր տեղատվությունը։ Լողափի դեղին ավազը հարթ էր ու պինդ։ Մտա խցիկ, լողազգեստս հագա և հարթ ավազի վրայով քայլեցի դեպի ծով։ Տաք ավազի վրա բոկոտն քայլելը հաճելի էր։ Ծովափում և ջրի մեջ բավական շատ մարդ կար։ Հեռվում, այնտեղ, ուր Կոնչա ծովախորշի եզրերը գրեթե միանում էին՝ շրջափակելով նավահանգիստը, ափակոծության սպիտակ գծից այն կողմ երևում էր բաց ծովը։ Չնայած տեղատվություն էր, մեկ֊մեկ դեպի ափ էին գլորվում դանդաղ ալիքներ։ Առաջանում էր թեթև ծփանք, հետո ալիքները ծանրանում էին և սահուն փռվում տաք ավազին։ Մտա ջուրը։ Ջուրը սառն էր։ Երբ ալիքը մոտեցավ, սուզվեցի, լողացի ջրի տակ և ջրի երես դուրս եկա, այլևս ջրի սառնությունը չզգալով։ Մոտ լողացի տախտակամածին, բարձրացա և պառկեցի տաք տախտակների վրա։ Տախտակամածի մյուս ծայրին մի տղա և մի աղջիկ կային։ Աղջիկն արձակել էր լողազգեստի ձգակապը և մեջքն արևին տվել։ Տղան երեսնիվայր պառկած էր տախտակամածին և խոսում էր աղջկա հետ։ Աղջիկը ծիծաղում էր նրա ասածների վրա և թխացած մեջքը ավելի հարմար պահում արևին։ Տախտակամածին արևի տակ պառկեցի այնքան, մինչև որ չորացա։ Հետո մի քանի անգամ սուզվեցի։ Մի անգամ սուզվեցի գրեթե մինչև հատակը։ Լողում էի աչքերս բաց, շուրջս մութ էր և կանաչ։ Տախտակամածը մութ ստվեր էր գցում։ Դուրս լողացի տախտակամածի մոտ, մի քիչ նստեցի, հետո նորից սուզվեցի, աշխատելով որքան կարելի է երկար մնալ ջրի տակ, և լողացի դեպի ափ։ Ափին այնքան պառկեցի, մինչև չորացա, հետո մտա խցիկ, լողազգեստս հանեցի, վրաս սառը ջուր լցրեցի և մարմինս լավ չորացրի սրբիչով։
Ծովափով, ծառերի տակով քայլեցի մինչև խաղատուն, իսկ հետո զով փողոցներից մեկով գնացի մինչև «Մարինաս» սրճարան։ Սրճարանի ներսում նվագախումբ էր նվագում, իսկ ես նստել էի դրսում և վայելում էի զովը օրվա այդ ժամին, խմում էի լիմոնադ սառույցով, իսկ հետո խմեցի մի մեծ բաժակ սոդայով վիսկի։ Շատ երկար նստեցի «Մարինաս» սրճարանի դրսում, կարդացի լրագրերը, նայում էի մարդկանց, լսում երաժշտություն։
Ավելի ուշ, երբ սկսեց մթնել, զբոսնեցի ծովախորշի երկայնքով և վերջապես վերադարձա հյուրանոց ընթրելու։ «Բիսկայայի շուրջը» վազքարշավի հեծանվորդներն այդ գիշեր հանգստանում էին Սան֊Սեբաստիանում։ Նրանք իրենց մարզիչների և իմպրեսարիոների հետ նստած էին ճաշարանում, մի կողմի վրա առանձնացրած երկար սեղանի շուրջ։ Բոլորը ֆրանսիացիներ էին և բելգիացիներ և մեծ տեղ էին տալիս ուտելիքին, որը սակայն նրանց չէր խանգարում զվարճանալ։ Սեղանի գլխին նստած էին երկու սիրունիկ ֆրանսուհիներ, որոնք մի առանձին, զուտ Rue du Faubourg Montmartre շուք ունեին։ Դժվարանում էի հասկանալ, թե երիտասարդներից հատկապես ում հետ էին նրանք եկել։ Երկար սեղանի շուրջ նստածները բոլորը խոսում էին ժարգոնով, կատակներ էին անում, որ միայն իրենց էր հասկանալի, և որոշ կատակներ, որ կիսաձայն ասվում էին սեղանի մյուս ծայրում, չէին կրկնում աղջիկների խնդրանքով։ Հաջորդ օրը, առավոտյան ժամը հինգին վազքարշավը պետք է կատարեր իր վերջին շրջանը՝ Սան֊Սեբաստիան֊Բիլբաո։ Հեծանվորդները գինի շատ էին խմում, նրանց մաշկն արևից խանձված էր, մգացած։ Վազքարշավին նրանք լուրջ էին վերաբերվում միայն այն ժամանակ, երբ մրցում էին իրար հետ։ Նրանք այնքան հաճախ էին իրար հետ մրցում, որ հիմա նրանց համար գրեթե միևնույն էր, թե ով կհաղթի այս արշավում։ Մանավանդ օտար երկրում։ Փողի հարցը միշտ կարելի էր կարգավորել։
Հեծանվորդներից մեկը, որ երկու րոպեի առավելություն ուներ, տառապում էր չիբանից, այն անտանելի ցավ էր պատճառում։ Նա հազիվ էր նստում։ Նրա վիզը արևից կարմրել էր, իսկ բաց գույնի մազերը խանձվել էին։ Մյուս հեծանվորդները ծաղրում էին նրան չիբանի համար։ Նա պատառաքաղը խփեց սեղանին։
― Լսեք, ― ասաց նա, ― վաղը քիթս այնպես եմ մտցնելու ղեկի մեջ, որ միայն մի թեթև զով դիպչի չիբաններիս։
Աղջիկներից մեկը նայեց նրան սեղանի վրայով, և տղան կարմրելով ծիծաղեց։ Նրանք ասում էին, որ իսպանացիները հեծանիվ քշել չգիտեն։
Դրսում նստած սուրճ էի խմում հեծանիվի խոշոր գործարանի ներկայացուցիչների հետ։ Նա ասաց, որ մրցավազքը շատ հետաքրքիր էր և արժեր տեսնել, եթե միայն Բոտեկիան Փամփլոնայում դուրս չգար մրցույթից։ Փոշին շատ էր խանգարում, սակայն Իսպանիայի ճանապարհներն ավելի լավն էին, քան Ֆրանսիայինը։ Նա ասում էր, որ աշխարհում սպորտի ամենալավ ձևը հեծանվավազքն է։ Հետևե՞լ եմ ես երբևէ «Ֆրանսիայի շուրջ» հեծանվավազքին։ Թերևս միայն թերթերով։ «Ֆրանսիայի շուրջ» հեծանվավազքը սպորտային մեծագույն իրադարձություն էր։ Այդ արշավը կազմակերպելով և ուղեկցելով հեծանվորդներին, նա տեսավ Ֆրանսիան։ Շատ քչերն են տեսել և գիտեն Ֆրանսիան։ Ամբողջ գարունը, ամբողջ ամառը և ամբողջ աշուն նա անցկացրեց հածանվորդների հետ։ Տեսեք, թե որքան ավտոմեքենաներ են հիմա քաղաքից քաղաք գնում հածանվորդների հետ։ Ֆրանսիան հարուստ երկիր է, և ամեն տարի սպորտն այնտեղ ավելի է զարգանում։ Կգա ժամանակ, որ այն կլինի աշխարհի ամենասպորտային երկիրը։ Եվ դա հեծանվավազքի շնորհիվ։ Հեծանվավազքի և ֆուտբոլի։ Նա Ֆրանսիան լավ գիտի։ La France sportive: Նա գիտի հեծանվային սպորտը։ Մենք կոնյակ խմեցինք։ Այնուամենայնիվ վատ չէ Փարիզ վերադառնալ։ Փարիզն աշխարհի ամենասպորտային քաղաքն է։ Գիտե՞մ ես արդյոք Chope de-Negre պանդոկը։ Ինչպես կարող եմ չիմանալ։ Եթե երբևէ այնտեղ գնամ, կտեսնեմ իրեն։ Այո, կգնամ։ Այնտեղ նորից կոնյակ կխմենք։ Իհարկե, կխմենք։ Նրանք մեկնում են վաղը, առավոտյան վեցից քառորդ պակաս։ Վեր կկենա՞մ ես արդյոք նրանց մեկնելու ժամին։ Կաշխատեմ վեր կենալ։ Գուցե ինձ արթնացնե՞ն։ Շատ հետաքրքիր կլինի։ Դռնապանին կասեմ, որ ինձ արթնացնի։ Ոչ, նա կարող է ինքն ինձ արթնացնել։ Ես չեմ ուզում նրան նեղություն պատճառել, կասեմ դռնապանին, որ ինձ արթնացնեն։ Մենք ցտեսություն ասացինք և բաժանվեցինք մինչև առավոտ։
Առավոտյան, երբ արթնացա, հեծանվորդներն ու նրանց ուղեկցող մեքենաները արդեն մի երեք ժամվա ճանապարհ էին անցել։ Սուրճ խմեցի անկողնում, կարդացի թերթերը, հետո հագնվեցի և վերցնելով լողազգեստս՝ գնացի լողափ։ Դեռ վաղ առավոտ էր, շուրջը թարմություն էր, զով ու խոնավ։ Ծառերի տակ զբոսնում էին երեխաները դայակների հետ, որ հատուկ զգեստով էին կամ էլ պարզապես գեղջկական շորերով։ Իսպանացի երեխաները գեղեցիկ էին։ Ծառի տակ նստած էին կոշիկ մաքրողները և խոսում էին մի զինվորի հետ։ Զինվորը մի ձեռք ուներ։ Սկսվեց մակընթացությունը, ուժեղ քամի էր փչում և մեծ֊մեծ ալիքներ էին զարկվում ափին։
Մտա խցիկներից մեկը, հանվեցի, կտրեցի նեղլիկ լողափն ու մտա ջուրը։ Լողում էի, ջանալով ալիքի մեջ չընկնել, սակայն երբեմն ալիքը ծածկում էր ինձ։ Լողալով հասա մինչև հանգիստ ջուրը և շուռ գալով պառկեցի մեջքիս։ Մեջքիս պառկած տեսնում էի միայն երկինքը ու զգում էի ալիքների թեթև ճոճքը։ Նորից շրջվեցի և լողացի ետ, մեծ ալիքը ինձ ափ հանեց, հետո էլի լողացի, ջանալով պահել ինձ ալիքների մեջ այնպես, որ ալիքն ինձ տակը չառնի։ Երբ ալիքների մեջ լողալուց հոգնեցի, շուռ եկա և լողացի դեպի տախտակամածը։ Ջուրը սառն էր և ալեկոծ։ Ինձ թվում էր, որ խեղդվել հնարավոր չէ։ Լողում էի դանդաղ, թվում էր ջրի հոսանքն ինձ դանդաղ տանում է, հետո բարձրացա տախտակամածին ու նստեցի արևից տաքացած տախտակների վրա չորանալու։ Նայում էի ծովախորշին, հին քաղաքին, խաղատանը, առափնյակի երկարությամբ ձգված ծառերին, մեծ հյուրանոցների սպիտակ սանդղամուտքերին և ոսկեգույն տառերով ցուցանակներին։ Հեռվում, աջից, ծովախորշը գրեթե փակելով երևում էր մի ամրոց կանաչ բլրի վրա։ Տախտակամածը ճոճվում էր ջրի տատանումներից։ Նեղ անցումի ձախ կողմից բաց ծովի վրա վեր էր խոյանում մի ուրիշ բլուր։ Մտածեցի, որ լավ կլիներ լողալով անցնել ծովախորշը, սակայն վախեցա, թե կարող եմ ջղակծկումներ ունենալ։
Արևի տակ նստած նայում էի լողափում լիքը լցված լողացողներին։ Հեռվից նրանք շատ փոքրիկ էին թվում։ Քիչ անց կանգնեցի, ոտներիս մատներով հենվեցի տախտակամածի եզրին, և երբ այն իմ ծանրության տակ թեքվեց, սուզվեցի ստույգ հաշված և խոր, հետո ջրի երես դուրս եկա, գլուխս թափահարեցի աղի ջրից ազատվելու համար և անշտապ, հանգիստ լողացի դեպի ափ։
Հագնվեցի, վճարեցի խցիկի համար և գնացի հյուրանոց։ Հեծանվորդները «L'auto» ամսագրի մի քանի համար էին թողել ընթերցասրահում։ Հավաքեցի այդ ամսագրերը, դուրս եկա հյուրանոցից, նստեցի արևի տակ նստարանին և սկսեցի կարդալ՝ Ֆրանսիայի սպորտային կյանքին ծանոթանալու մտադրությամբ։ Մինչ կարդում էի, հյուրանոցից դուրս եկավ դռնապանը, մի կապույտ ծրար ձեռքին։
― Պարոն, դուք հեռագիր ունեք։
Մատս մտցրի սոսնձված եզրին, բացեցի հեռագիրը և կարդացի։ Այն ուղարկել էին Փարիզից։
::Եթե կարող ես եկ Մադրիդ Մոնտանա
::հյուրանոց ես շատ վատ եմ Բրեթ
Ես թեյադրամ տվեցի դռնապանին և նորից կարդացի հեռագիրը։ Մայթով անցավ փոստատարը, մտավ հյուրանոց։ Նա փարթամ բեղեր ուներ, քաջ ծառայողի տեսք։ Հետո նա դուրս եկավ հյուրանոցից։ Նրա ետևից գալիս էր դռնապանը։
― Ահա, պարոն, մի նոր հեռագիր։
― Շնորհակալություն, ― ասացի։
Բացեցի հեռագիրը։ Այն ուղարկել էին Փամփլոնայից։
::Եթե կարող ես եկ Մարդիֆ Մոնտանա
::հյուրանոց ես շատ վատ եմ Բրեթ
Դռնապանը չէր հեռանում, հավանաբար, նորից սպասելով թեյադրամի։
― Ե՞րբ է մեկնում Մադրիդի գնացքը։
― Մեկնել է այսօր առավոտյան իննին։ Կա փոստային մի գնացք ժամը տասնմեկին, իսկ հետո երեկոյան տասին մեկնում է Հարավային ճեպընթացը։
― Ճեպընթացի տոմս վերցրեք ինձ համար։ Փողը հիմա՞ պետք է տամ։
― Ինչպես կամենաք, ― ասաց նա։ ― Կարող եմ հաշվի մեջ գրել։
― Եթե կարելի է։
Եվ այսպես, Սան֊Սեբաստիանում իմ հանգիստը գրողի ծոցը գնաց։ Ներքին ինչ֊որ մի տագնապով կարծես զգում էի, որ նման մի բան պետք է պատահեր։ Տեսա, որ դռնապանը դեռ կանգնած է։
― Խնդրեմ, ինձ համար հեռագրի բլանկ բերեք։
Նա բերեց, ես հանեցի գրիչս և գրեցի․
::Լեդի Էշլի Մոնտանա հյուրանոց Մադրիդ
::Գալիս եմ վաղը հարավային ճեպընթացով
::Սիրում եմ Ջեյք
Այդպես, կարծես հարցը լուծվեց։ Այդպես, այդպես։ Նախ կնոջը բաց թող մի տղամարդու հետ։ Հետո նրան ծանոթացրու մի ուրիշի հետ և թող, որ նրա հետ գնա։ Իսկ հիմա գնա և ետ բեր նրան։ Ու հեռագրի տակ էլ գրի․ «սիրում եմ»։ Այդպես, այո, այդպես։ Գնացի հյուրանոց նախաճաշելու։
Այդ գիշեր շատ վատ քնեցի Հարավային ճեպընթացում։ Առավոտյան նախաճաշեցի վագոն֊ռեստորանում և հիանում էի Ավիլայի և Էսկուրիալի միջև ընկած կեչիածածկ սարերով։ Պատուհանից տեսա պալատը, որ գորշ, երկար և սառն էր արևի տակ, և ինձ բնավ հիացմունք չպատճառեց։ Հեռվում, արևից խանձված հարթավայրի մյուս կողմում, ոչ բարձր սարի կատարին երևաց Մադրիդի սպիտակ, հոծ զանգվածը։
Մադրիդի Հյուսիսային կայարանը վերջին կանգառն է։ Բոլոր ճանապարհներն այստեղ վերջանում էին։ Գնացքներն այլևս ճանապարհը չէին շարունակում։ Դրսում սպասում էին կառապաններն ու տաքսիները, շարք կանգնած սպասում էին հյուրանոցների գործակալները։ Այդ ամենը գավառական քաղաքի տպավորություն էր թողնում։ Տաքսի նստեցի, և մեքենան սկսեց բարձրանալ դեպի վերև, սկզբում զբոսայգու միջով, հետո անմարդաբնակ պալատի և զառիթափի գլխին դեռ կիսակառույց եկեղեցու մոտով, բարձրանում էինք շարունակ դեպի վեր և վեր, մինչև որ հասանք քաղաքի նոր, շոգ մասին։ Տաքսին ուղիղ փողոցով մտավ Puerta del Sol փողոցը, կտրեց անցավ աղմկոտ հրապարակը և դուրս եկավ Carrera San Jeronimo: Բոլոր խանութների ծածկերն իջեցված էին, արևին նայող պատուհանների փակոցափեղկերը ծածկված էին շոգից պաշտպանվելու համար։ Տաքսին մոտեցավ մայթին և կանգ առավ։ Տեսա ցուցանակը, որ կախված էր երկրորդ հարկում՝ «Մոնտանա հյուրանոց»։ Տաքսու վարորդը ներս բերեց ճամպրուկներն ու դրեց վերելակի մոտ։ Ես չկարողացա աշխատեցնել վերելակն ու բարձրացա ոտքով։ Երկրորդ հարկում մետաղից ցուցանակ էր կախված․ «Մոնտանա հյուրանոց»։ Զանգը տվեցի, սակայն ոչ ոք դուրս չեկավ։ Նորից զանգ տվեցի, դուռը բացեց անբարեհամբույր տեսքով մի սպասուհի։
― Լեդի Էշլին այստե՞ղ է, ― հարցրի ես։
Նա ոչինչ չհասկացող հայացքով նայեց ինձ։
― Անգլուհին այստե՞ղ է։
Նա շրջվեց և ձայն տվեց ներսում ինչ֊որ մեկին։ Մոտեցավ մի շատ գեր կին։ Նրա ճերմակած, բույրայուղով չափից ավելի օծված մազերը ժանեզարդերի նման կպած էին դեմքի շուրջ։ Նա կարճահասակ էր, սակայն տպավորիչ տեսքով։
― Muy buenos,<ref>Բարև ձեզ (իսպ․)։</ref> ― ասացի։ ― Այստեղ անգլուհի ապրո՞ւմ է։ Ես ուզում եմ տեսնել այդ անգլուհուն։
― Muy buenos: Այո, այստեղ անգլուհի ապրում է։ Դուք, իհարկե, կարող եք տեսնել նրան, եթե նա կամենա։
― Նա ուզում է ինձ տեսնել։
― Հիմա նրան կհարցնեմ։
― Շատ շոգ է։
― Ամռանը Մադրիդում միշտ էլ շոգ է։
― Իսկ ձմռանը ցուրտ է։
― Այո, ձմռանը շատ ցուրտ է։
Նա հարցրեց ինձ, արդյոք ես մնալո՞ւ եմ Մոնտանա հյուրանոցում։ Դեռ չեմ որոշել, սակայն կուզեի, որ իմ ճամպրուկները ներքևից բերեին, որպեսզի չկորչեն։ Մոնտանա հյուրանոցում երբեք ոչինչ չի կորչում։ Ուրիշ հյուրանոցներում կարող է կորչեն։ Սակայն ոչ այստեղ։ Ոչ։ Իրենց հյուրանոցում հատուկ ընտրությամբ են ծառայող վերցնում։ Ուրախ եմ այդ լսելու։ Սակայն, ամեն դեպքում, դեմ չէի լինի, եթե իրերս վերև բերեին։
Սպասուհին եկավ և ասաց, որ անգլուհին անմիջապես ուզում է տեսնել անգլիացի պարոնին։
― Ահա, ― ասացի։ ― Տեսնում եք, ես այդպես էլ ասացի։
― Պարզ է։
Քայլում էի սպասուհու ետևից մի երկար, մութ միջանցքով։ Միջանցքի ծայրը հասնելով, նա բախեց մի դուռ։
― Հելլո, ― ասաց Բրեթը։ ― Դո՞ւ ես, Ջեյք։
― Ես եմ։
― Ներս արի, ներս արի։
Բացեցի դուռը։ Սպասուհին այն ծածկեց իմ ետևից։ Բրեթը պառկած էր անկողնում։ Նա հենց նոր հարդարել էր մազերը և խոզանակը դեռ ձեռքին էր։ Սենյակը անկարգ, թափթփված վիճակում էր․ այդպես է լինում սովորաբար այն մարդկանց մոտ, ովքեր սովոր են ծառայող պահել։
― Սիրելիս, ― ասաց Բրեթը։
Մոտեցա մահճակալին և գրկեցի նրան։ Նա ինձ համբուրեց, և ես զգացի, որ ինձ համբուրելով, բոլորովին այլ բանի մասին էր մտածում։ Նա սեղմվել էր ինձ ու դողում էր։ Նա շատ էր նիհարել։
― Սիրելիս, այդ ամենը սարսափելի էր։
― Պատմիր ինձ։
― Ինչ պատմեմ։ Նա երեկ միայն մեկնեց։ Ես ստիպեցի նրան գնալ։
― Իսկ ինչո՞ւ չպահեցիր նրան։
― Չգիտեմ։ Դա անելու բան չէր։ Թեև կարծում եմ, որ ես նրան վնաս չեմ պատճառել։
― Դու նրան ոչ մի վատ բան չէիր կարող անել։
― Նա ընդհանրապես ոչ մեկի հետ չպետք է կապվի։ Ես դա միանգամից հասկացա։
― Իսկապե՞ս։
― Օհ, թողնենք այդ, ― ասաց նա։ ― Այդ մասին չխոսենք։ Այլևս երբեք այդ մասին չխոսենք։
― Լավ։
― Ինձ համար տհաճ էր, որ նա ինձնից ամաչում էր։ Գիտես, որոշ ժամանակ իսկապես ամաչում էր ինձնից։
― Չի կարող պատահել։
― Այո, այո։ Հավանաբար նրան նախատել էին ինձ համար սրճարանում։ Նա ուզում էր, որ ես մազերս երկարացնեմ։ Պատկերացնո՞ւմ ես ինձ երկար մազերով։ Ես սարսափելի տեսք կունենայի։
― Զվարճալի է։
― Նա ասում էր, որ այդպես ես ավելի կանացի տեսք կունենամ։ Իսկ ես պարզապես կայլանդակվեի։
― Հետո ի՞նչ եղավ։
― Օհ, դա անցավ։ Կարճ տևեց նրա այդ ամաչելը։
― Իսկ ինչո՞ւ էիր գրել, որ իմ օգնության կարիքն ունես։
― Չգիտեի, կկարողանա՞մ ստիպել նրան, որ գնա, իսկ ես ոչ մի կոպեկ չունեի, որ ինքս մեկնեմ։ Նա ուզում էր ինձ փող տալ, բայց ես ասացի, որ շատ փող ունեմ։ Նա գիտեր, որ ճիշտ չեմ ասում։ Բայց հո չէ՞ի կարող նրանից փող վերցնել։
― Դե, իհարկե։
― Ոչ, չխոսենք այս մասին։ Չնայած որոշ զվարճալի բաներ էլ են եղել։ Ինձ մի սիգարետ տուր։
Ես վառեցի նրա սիգարետը։
― Նա անգլերեն սովորել է Ջիբրալթարում, երբ այնտեղ աշխատել է, որպես մատուցող։
― Այո։
― Վերջում նա ինձ ամուսնության առաջարկ արեց։
― Իսկապե՞ս։
― Իհարկե։ Իսկ ես նույնիսկ Մայքլի հետ չեմ կարող ամուսնանալ։
― Գուցե նա մտածում էր, որ քեզ հետ ամուսնանալով, կդառնա լորդ Էշլի՞։
― Ոչ։ Դրա համար չէ։ Նա իսկապես ուզում էր ինձ հետ ամուսնանալ։ Որպեսզի ես չկարողանամ նրան թողնել, ասում էր նա։ Նա ուզում էր այնպես անել որ ես երբեք չկարողանայի նրանից հեռանալ։ Բայց դա, իհարկե, այն բանից հետո, որ ես կանացի դառնայի։
― Հիմա դու ավելի հանգիստ կլինես։
― Այո։ Ես ինձ նորից լավ եմ զգում։ Նա իմ հիշողությունից վերացրեց այդ Կոնին։
― Շատ լավ է։
― Գիտե՞ս ինչ, ես կապրեի նրա հետ, բայց տեսնում էի, որ դա վատ է նրա համար։ Մենք իրար շատ լավ էինք հասկանում։
― Բացի քո արտաքինի խնդրից։
― Օհ, նա դրան կվարժվեր։
Նա հանգցրեց սիգարետը։
― Հասկանում ես, ես երեսունչորս տարեկան եմ։ Եվ ես չեմ կարող լինել տականք, փոքր տղաներ կործանող տականք։
― Իհարկե, ոչ։
― Ես այդպես չեմ ուզում։ Հիմա ես ինձ լավ եմ զգում։ Հիմա հանգիստ եմ։
― Շատ լավ է։
Նա մի կողմ թեքվեց։ Ինձ թվաց, թե ուզում է սիգարետ վերցնել։ Հետո տեսա, որ լաց է լինում։ Լաց է լինում ու ցնցվում։ Նա ինձ չէր նայում։ Ես նորից գրկեցի նրան։
― Երբեք այլևս այդ մասին չխոսենք։ Երբեք չխոսենք։
― Բրեթ, սիրելիս։
― Ես կվերադառնամ Մայքլի մոտ, ― նրան ավելի պինդ գրկեցի, զգալով ինչպես է լաց լինում, ― Մայքլը սարսափելի լավն է և բոլորովին անտանելի։ Նա ինձ նման մի բան է, հենց ինձ համար է նա։
Բրեթն ինձ չէր նայում։ Ես շոյում էի նրա մազերը։ Զգում էի, ինչպես է նա դողում։
― Չեմ ուզում այդպիսի տականք լինել, ― ասաց նա։ ― Բայց Ջեյք, ի սեր աստծո այլևս չխոսենք այդ մասին։
Մենք գնացինք Մոնտանա հյուրանոցից։ Այն կինը, հյուրանոցի տերը, փող չվերցրեց, երբ ուզեցի ըստ հաշվի վճարել։ Հաշիվն արդեն փակված էր։
― Օհ, ոչինչ, ― ասաց Բրեթը։ ― Հիմա արդեն դա կարևոր չէ։
Տաքսի նստեցինք և գնացինք «Պալասհոտել», իրերը թողեցինք այնտեղ, տոմսեր պատվիրեցինք այդ նույն երեկո մեկնող Հարավային ճեպընթացի համար, և մտանք բար կոքթեյլ խմելու, վաճառասեղանի մոտ բարձր աթոռակներին նստած նայում էինք, թե ինչպես էր բարմենը փրփրացնում մարտինին կոքթեյլ պատրաստելու հատուկ նիկելապատ մեծ գավաթի մեջ։
― Զարմանալի է, թե որքան հանդիսավոր մթնոլորտ է լինում մեծ հյուրանոցի բարում, ― ասացի ես։
― Հիմա արդեն միայն բարմեններն ու ժոկեյներն են դեռ կարողանում սիրալիր լինել։
― Որքան էլ հասարակ լինի հյուրանոցը, բարում միշտ հաճելի է։
― Զարմանալի է։
― Բարմենները միշտ էլ լավն են եղել։
― Գիտես, ― ասաց Բրեթը, ― ամեն ինչ ճիշտ է։ Նա ընդամենը տասնինը տարեկան է։ Զարմանալի է, չէ՞։
Մենք իրար խփեցինք վաճառասեղանին կողք֊կողքի դրած բաժակները։ Սառնությունից դրանք ծածկվել էին ջրի մանրիկ կաթիլներով։ Վարագուրված պատուհանի ետև զգացվում էր Մադրիդի ամառային շոգը։
― Ես սիրում եմ, որ մարտինիի մեջ ձիթապտուղ լինի, ― ասացի բարմենին։
― Դուք ճիշտ եք, պարոն։ Խնդրեմ։
― Շնորհակալություն։
― Ինքս պետք է ձեզ առաջարկած լինեի։
Բարմենն անցավ վաճառասեղանի մյուս ծայրը, որպեսզի մեր խոսակցությունը չլսի։ Բրեթը կում արեց իր բաժակից, առանց այն փայտե սեղանից բարձրացնելու։ Հետո նա ձեռքն առավ բաժակը այնպես, որ կոքթեյլը չթափվի։
― Լավն է։ Հիանալի բար է։ Այնպես չէ՞։
― Բոլոր բարերն էլ լավն են։
― Հասկանում ես, ես սկզբում չէի հավատում։ Նա ծնվել է հազար ինը հարյուր հինգ թվին։ Այդ ժամանակ ես սովորում էի Փարիզում, դպրոց էի հաճախում։ Պատկերացնո՞ւմ ես։
― Ի՞նչ ես ուզում, որ պատկերացնեմ։
― Հիմար մի ձևացիր։ Միգուցե լեդիիդ խմի՞չք հյուրասիրես։
― Խնդրեմ ևս երկու մարտինի։
― Ինչպես առաջիննե՞րը, պարոն։
― Այո, շատ լավն էին, ― Բրեթը ժպտաց բարմենին։
― Շնորհակալություն, տիկին։
― Քո կենացը, ― ասաց Բրեթը։
― Քո կենացը։
― Գիտես ինչ, ― ասաց Բրեթը, ― մինչ ինձ նա միայն երկու կնոջ հետ էր եղել։ Նա երբեք ոչնչով չի հետաքրքրվել, ցլամարտից բացի։
― Ժամանակ դեռ շատ ունի։
― Չգիտեմ։ Նա մտածում էր, որ գլխավորը ես էի, և ոչ թե ֆիեստան ու մյուս բաները։
― Դե, ուրեմն դու էիր։
― Այո։ Հենց ես էի։
― Դու, կարծեմ, չէիր ուզում այլևս այդ մասին խոսել։
― Ինչպե՞ս դիմանամ։
― Անընդհատ մի խոսիր, որ այն քեզ մնա։
― Ես չեմ խոսում, միայն այնպես, կողքից։ Գիտես, Ջեյք, ես ինձ շատ լավ եմ զգում։
― Այդպես էլ պետք է լինի։
― Գիտես, ես ինձ շատ լավ եմ զգում, լավ է, որ վճռում ես և կարողանում ես տականք չլինել։
― Այո։
― Դա ինչ֊որ չափով մեզ փոխարինում է աստծուն։
― Որոշ մարդիկ աստված ունեն, ― ասացի ես։ ― Եվ այդպիսինները բավական շատ են։
― Աստծուց ինձ երբեք օգուտ չի եղել։
― Մի֊մի մարտինի էլ խմե՞նք։
Բարմենը նորից երկու մարտինի սարքեց և կոքթեյլը լցրեց մաքուր բաժակների մեջ։
― Որտե՞ղ ենք ճաշելու, ― հարցրի Բրեթին։ Բարում զով էր։ Զգացվում էր, որ փողոցում, դրսում շոգ էր։
― Այստե՞ղ, ― հարցրեց Բրեթը։
― Այստեղ, հյուրանոցում վատ է։ Դուք «Բոտեն» ռեստորանը գիտե՞ք, ― հարցրի բարմենին։
― Այո, պարոն։ Ուզո՞ւմ եք հասցեն գրեմ։
― Շնորհակալություն։
Ճաշեցինք «Բոտեն» ռեստորանի երկրորդ հարկում։ Դա աշխարհի ամենալավ ռեստորաններից մեկն էր։ Ուտում էինք տապակած խոճկոր և խմում rioja alta: Բրեթը քիչ էր ուտում։ Նա միշտ էր քիչ ուտում։ Ես շատ առատ ճաշեցի, խմեցի երեք շիշ։
― Ջեյք, ինչպե՞ս ես քեզ զգում, ― հարցրեց Բրեթը։ ― Աստված իմ, ինչքան կերաք։
― Հիանալի եմ զգում ինձ։ Որևէ քաղցրավենիք չե՞ս ուզում։
― Ոչ։
Բրեթը ծխում էր։
― Դու սիրում ես ուտել, չէ՞, ― հարցրեց նա։
― Այո, ― ասացի։ ― Ուրիշ բան էլ եմ սիրում։
― Ի՞նչ ես սիրում։
― Օհ, ― ասացի։ ― Շատ բան եմ սիրում։ Անուշեղեն չե՞ս ուզում։
― Արդեն հարցրել ես, ― ասաց Բրեթը։
― Այո, ― ասացի։ ― Ճիշտ ես։ Արի մի շիշ էլ rioja alta խմենք։
― Լավ գինի է։
― Դու այնքան էլ շատ չխմեցիր, ― ասացի ես։
― Խմեցի։ Պարզապես դու չտեսար։
― Երկու շիշ էլ վերցնենք, ― ասացի ես։ Շշերը բերեցին։ Մի քիչ լցրեցի իմ բաժակի մեջ, հետո լցրեցի Բրեթի բաժակը, ապա լցրեցի և իմ բաժակը։ Մենք բաժակ֊բաժակի խփեցինք։
― Ողջ լինես, ― ասաց Բրեթը։ Ես իմ բաժակը դատարկեցի և նորից լցրեցի։ Բրեթը թեթևակի բռնեց արմունկս։
― Պետք չէ հարբել, Ջեյք, ― ասաց նա։ ― Դու հարբելու պետք չունես։
― Դու ի՞նչ գիտես։
― Մի խմիր, ― ասաց Բրեթը։ ― Ամեն ինչ լավ կլինի։
― Ես չեմ հարբում, ― ասացի։ ― Ինձ համար գինի եմ խմում։ Սիրում եմ գինի խմել։
― Պետք չէ հարբել, Ջեյք, ― ասաց նա։ ― Պետք չէ հարբել։
― Ուզո՞ւմ ես մեքենայով զբոսնել։ Ուզո՞ւմ ես զբոսնել քաղաքում։
― Իսկապես, ― ասաց Բրեթը։ ― Ես դեռ չեմ տեսել Մադրիդը։
― Այս րոպեիս կվերջացնեմ, ― ասացի ես։
Իջնելով ցած, փողոց դուրս եկանք առաջին հարկի ճաշարանի միջով։ Մատուցողներից մեկը գնաց տաքսի բերելու։ Շոգ, արևոտ օր էր։ Փողոցի ծայրում, ծառերով շրջապատված խոտածածկ փոքրիկ հրապարակում տաքսիների կայանն էր։ Տաքսին մոտեցավ։ Մատուցողը կանգնած էր մեքենայի ոտնակին։ Թեյադրամ տվեցի նրան, ասացի վարորդին ուր քշի, և նստեցի Բրեթի կողքին։ Մեքենան շարժվեց փողոցով։ Ես ետ ընկա նստոցին։ Բրեթը ինձ ավելի մոտ նստեց։ Նստած էինք իրար շատ մոտ։ Մի ձեռքով գրկեցի նրան, և նա հարմար հենվեց ինձ։ Շատ շոգ էր, շենքերը կուրացուցիչ սպիտակ։ Թեքվեցինք դեպի Գրան֊Վիա։
― Ախ, Ջեյք, ― ասաց Բրեթը։ ― Ինչքան լավ կլիներ կյանքը մեզ համար իրար հետ։
Առջևում խակի գույնի համազգեստով մի ձիավոր ոստիկան կարգավորում էր փողոցի երթևեկությունը։ Նա բարձրացրեց փայտիկը։ Մեքենան կտրուկ արգելակեց, և Բրեթը սեղմվեց ինձ։
― Այո, ― ասացի ես։ ― Այդ միտքն էլ արդեն համարենք, որ քիչ չէ, այո՞։
----
<references />