«Հրաժեշտ զենքին»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
 
(39 intermediate revisions by 3 users not shown)
Տող 2. Տող 2.
 
|վերնագիր = Հրաժեշտ զենքին
 
|վերնագիր = Հրաժեշտ զենքին
 
|հեղինակ = [[Էռնեստ Հեմինգուեյ]]
 
|հեղինակ = [[Էռնեստ Հեմինգուեյ]]
|թարգմանիչ = [[Պերճ Զեյթունցյան]]
+
|թարգմանիչ = [[Պերճ Զեյթունցյան]] (անգլերենից)
|աղբյուր =  
+
|աղբյուր = [[«Հրաժեշտ զենքին»]]
 
}}
 
}}
{{անավարտ}}
 
= Գիրք առաջին =
 
= Գիրք առաջին =
Տող 11. Տող 10.
 
== Գլուխ 1 ==
 
== Գլուխ 1 ==
  
Այն տարվա ուշ ամռանը մենք ապրում էինք գյուղական մի խրճիթում, որտեղից երևում էին գետը և դեպի լեռներ ձգվող հարթավայրը։ Գետի հունը ծածկված էր խճերով ու գլաքարերով, որոնք արևի տակ սպիտակ էին ու չոր, իսկ վտակներում ջուրը պարզ էր, արագահոս և կապտավուն։ Զորքերն անցնում էին մեր տան մոտով, և փոշին, որ բարձրացնում էին նրանք, նստում էր ծառերի տերևներին։ Ծռաբները ևս փոշատ էին, տերևներն էլ այն տարի ժամանակից շուտ թափվեցին, ու մենք տեսնում էինք, թե ինչպես զինվորները քայլում էին ճանապարհով, փոշի էր բարձրանում, թափվում էին քամուց հափշտակված տերևները, քայլում էին զինվորները, իսկ հետո՝ ամառային սպիտակ մի ճանապարհ, որտեղ միայն տերևներ էին մնացել։
+
Այն տարվա ուշ ամռանը մենք ապրում էինք գյուղական մի խրճիթում, որտեղից երևում էին գետը և դեպի լեռներ ձգվող հարթավայրը։ Գետի հունը ծածկված էր խճերով ու գլաքարերով, որոնք արևի տակ սպիտակ էին ու չոր, իսկ վտակներում ջուրը պարզ էր, արագահոս և կապտավուն։ Զորքերն անցնում էին մեր տան մոտով, և փոշին, որ բարձրացնում էին նրանք, նստում էր ծառերի տերևներին։ Ծառաբները ևս փոշոտ էին, տերևներն էլ այն տարի ժամանակից շուտ թափվեցին, ու մենք տեսնում էինք, թե ինչպես զինվորները քայլում էին ճանապարհով, փոշի էր բարձրանում, թափվում էին քամուց հափշտակված տերևները, քայլում էին զինվորները, իսկ հետո՝ ամառային սպիտակ մի ճանապարհ, որտեղ միայն տերևներ էին մնացել։
  
Հարթավայրը պտղաբեր էր և մրգատու այգիներով հարուստ, իսկ հանդիպակած լեռները սրճագույն էին ու լերկ։ Լեռներում կռիվ էր ու գիշերները կարելի էր տեսնել հրետանում բռնկումները։ Խավարի մեջ դրանք նման էին ամառային փայլակների, բայց գիշերները զով էին և չէր զգացվում մոտալուտ ամպրոպը։
+
Հարթավայրը պտղաբեր էր և մրգատու այգիներով հարուստ, իսկ հանդիպակաց լեռները սրճագույն էին ու լերկ։ Լեռներում կռիվ էր ու գիշերները կարելի էր տեսնել հրետանու բռնկումները։ Խավարի մեջ դրանք նման էին ամառային փայլակների, բայց գիշերները զով էին և չէր զգացվում մոտալուտ ամպրոպը։
  
Մթության մեջ երբեմն լսում էինք, թե ինչպես զինվորներն անցնում էին պատուհանի տակով, և տրակտորները քարշ էին տալիս հրանոթները։ Երթևեկությունը գիշերներն ուժեղանում էր, անցնում էին մեծ թվով ջորիներ, որոնց բեռնաթամբերի յուրաքանչյուր կողմից կախված էր ռազմամթերքի մեկական արկղ, անցնում էին մարդկանցով լցված մոխրագույն բեռնատար մեքենաներ, ինչպես նաև ուրիշ բեռնատարներ, որոնք բրեզենտով ծածկված զինապարեն էին տանում և ավելի դանդաղ էին շարժվում, քան մյուսները։ Ցերեկը ևս տրակտորներ էին անցնում և քարշ տալիս հրանոթները, հրանոթների երկար փողերը ծածկված էին կանաչ ճյուղերով, իսկ քարշակների վրա թափված էին խիտ տերևներով կանաչ ճյուղեր և խաղողի թփեր։ Հյուսիսում մի ձոր կար, ձորից այն և կողմ՝ շագանակենիների անտառ, իսկ ավելի հեռու, գետի այս ափին, մի ուրիշ լեռ։ Այդ լեռան համար էլ էին կռվում, բայց ապարդյուն, ու երբ աշնանն սկսեցին անձրևներ տեղալ, շագանակենիների բոլոր տերևները թափվեցին, ճյուղերը մերկացան և ծառաբները սևացան անձրևից։ Խաղողի այգիները ևս դալկացան ու մերկացան, և շուրջն ամեն ինչ թաց էր, գորշ աշնան պես մեռած։ Գետի վրա մառախուղ էր իջել, և լեռը ծածկվել էր ամպերով, բեռնատարները ցեխ էին շպրտում չորս կողմը, թիկնոց հագած զինվորները թրջվել էին ու ցեխոտվել։ Նրանց զենքերը թաց էին, և գոտիներից կախած կաշվե երկու փամփշտակալները, վեց ու կես միլիմետրանոց բարակ ու երկարավուն փամփուշտների պահունակներից ծանրացած մոխրագույն կաշվե երկու տուփերը, թիկնոցների տակից այնպես էին ցցվել, որ թվում էր, թե ճանապարհով անցնող այս մարդիկ արդեն վեցերորդ ամիսն է, ինչ հղի են։
+
Մթության մեջ երբեմն լսում էինք, թե ինչպես զինվորներն անցնում էին պատուհանի տակով, և տրակտորները քարշ էին տալիս հրանոթները։ Երթևեկությունը գիշերներն ուժեղանում էր, անցնում էին մեծ թվով ջորիներ, որոնց բեռնաթամբերի յուրաքանչյուր կողմից կախված էր ռազմամթերքի մեկական արկղ, անցնում էին մարդկանցով լցված մոխրագույն բեռնատար մեքենաներ, ինչպես նաև ուրիշ բեռնատարներ, որոնք բրեզենտով ծածկված զինապարեն էին տանում և ավելի դանդաղ էին շարժվում, քան մյուսները։ Ցերեկը ևս տրակտորներ էին անցնում և քարշ տալիս հրանոթները, հրանոթների երկար փողերը ծածկված էին կանաչ ճյուղերով, իսկ քարշակների վրա թափված էին խիտ տերևներով կանաչ ճյուղեր և խաղողի թփեր։ Հյուսիսում մի ձոր կար, ձորից այն և կողմ՝ շագանակենիների անտառ, իսկ ավելի հեռու, գետի այս ափին, մի ուրիշ լեռ։ Այդ լեռան համար էլ էին կռվում, բայց ապարդյուն, ու երբ աշնանն սկսեցին անձրևներ տեղալ, շագանակենիների բոլոր տերևները թափվեցին, ճյուղերը մերկացան և ծառաբները սևացան անձրևից։ Խաղողի այգիները ևս դալկացան ու մերկացան, և շուրջն ամեն ինչ թաց էր, գորշ ու աշնան պես մեռած։ Գետի վրա մառախուղ էր իջել, և լեռը ծածկվել էր ամպերով, բեռնատարները ցեխ էին շպրտում չորս կողմը, թիկնոց հագած զինվորները թրջվել էին ու ցեխոտվել։ Նրանց զենքերը թաց էին, և գոտիներից կախած կաշվե երկու փամփշտակալները, վեց ու կես միլիմետրանոց բարակ ու երկարավուն փամփուշտների պահունակներից ծանրացած մոխրագույն կաշվե երկու տուփերը, թիկնոցների տակից այնպես էին ցցվել, որ թվում էր, թե ճանապարհով անցնող այս մարդիկ արդեն վեցերորդ ամիսն է, ինչ հղի են։
  
Մեծ արագությամբ սլանում էին մոխրագույն փոքրիկ մարդատար մեքենաներ։ Վարորդի կողքին սովորաբար նստած էր լինում մի սպա, իսկ հետևում՝ ևս մի քանի սպաներ։ Այդ մեքենաներն ավելի շատ էին ցեխ շպրտում, քան նույնիսկ բեռնատարները, ու եթե սպաներից մեկը շատ փոքրամարմին էր ու նստած էր երկու գեներալների միջև, այնքան փոքրամարմին, որ դեմքը չէր երևում, այլ միայն՝ գլխարկի ծայրը և նեղ ուսերը, ու եթե մեքենան հատկապես արագ էր գնում, ուրեմն դա թագավորն էր։ Նա ապրում էր Ուդինում ու գրեթե ամեն օր անցնում էր այս ճանապարհով, որպեսզի տեսնի, թե ինչպես են գործերը։ Իսկ գործերը շատ վատ էին։
 
Տող 24. Տող 23.
 
== Գլուխ 2 ==
 
== Գլուխ 2 ==
  
Հաջորդ տարի շատ հաղթանակներ եղան։ Գրավեցինք ձորից այն կողմ գտնվող լեռն ու սարալանջը, որտեղ շագանակենիների անտառն էր աճում, հաղթանակներ եղան նաև հարթավայրից դեպի հարավ ընկած բարձրավանդակում․ օգոստոսին անցանք գետը ու բնակվեցինք Գորիցիայի տներից մեկում, որի պատերը պաստառված էին ծիրանագույն վիստարիայով, իսկ պարսպապատ պարտեզում շատրվան կար և մեծ թվով հաստաբուն ու ստվերախիտ ծառեր։ Հիմա կռիվը գնում էր մոտակա լեռներում, մեզնից հազիվ մի մղոն հեռու։ Փառավոր էր քաղաքը, և մեր տունն էլ շատ գեղեցիկ։ Քաղաքին հեշտությամբ տիրացանք, բայց մերձակա լեռները ոչ մի կերպ չէինք կարողանում գրավել, և ես շատ ուրախ էի, որ ավստրիացիները, ըստ երևույթին պատերազմից հետո ուզում էին քաղաք վերադառնալ, որովհետև, ռմբակոծում էին ոչ թե այն ավերելու նպատակով, այլ հենց այնպես, հավուր պատշաճի։ Բնակչությունը շարունակում էր մնալ քազաքում, որտեղ կային հոսպիտալներ ու սրճարաններ, փողոցների ծայրին՝ թնդանոթներ, ինչպես նաև երկու հասարակաց տուն, մեկը՝ զինվորների համար, մյուսը՝ սպաների։ Ու երբ ամառը վերջացավ, զով գիշերները, կռիվը մոտիկ լեռներում, ռումբերի հետքեր կրող կամրջի երկաթը, գետափին, երբեմնի կռվի վայրում քարուքանդ եղած թունելը, հրապարակի շրջակա ծառերը և դեպի հրապարակ տանող երկար ծառուղին,— այս ամենը, ինչպես նաև այն, որ քաղաքում աղջիկներ կային, որ թագավորն էր անցնում իր մեքենայով և հիմա արդեն կարելի էր երբեմն տեսնել նրա դեմքը, երկար վիզը, փոքր մարմինը և մոխրագույն այծամորուքը, այս ամենը, ինչպես նաև քանդված պատի միջից տների՝ հանկարծ բացվող ամբողջ ներքինը, պարտեզներում, երբեմն նաև փողոցներում թափված ծեփն ու խիճը և այն, որ Կարսոյում գործերը բարեհաջող էին, այս ամենը շատ էին տարբերում այս աշունն անցյալ աշնանից, երբ մենք ապրում էինք գյուղում։ Պատերազմն էլ էր մի տեսակ փոխվել։
+
Հաջորդ տարի շատ հաղթանակներ եղան։ Գրավեցինք ձորից այն կողմ գտնվող լեռն ու սարալանջը, որտեղ շագանակենիների անտառն էր աճում, հաղթանակներ եղան նաև հարթավայրից դեպի հարավ ընկած բարձրավանդակում․ օգոստոսին անցանք գետը ու բնակվեցինք Գորիցիայի տներից մեկում, որի պատերը պաստառված էին ծիրանագույն վիստարիայով, իսկ պարսպապատ պարտեզում շատրվան կար և մեծ թվով հաստաբուն ու ստվերախիտ ծառեր։ Հիմա կռիվը գնում էր մոտակա լեռներում, մեզնից հազիվ մի մղոն հեռու։ Փառավոր էր քաղաքը, և մեր տունն էլ շատ գեղեցիկ։ Քաղաքին հեշտությամբ տիրացանք, բայց մերձակա լեռները ոչ մի կերպ չէինք կարողանում գրավել, և ես շատ ուրախ էի, որ ավստրիացիները, ըստ երևույթին պատերազմից հետո ուզում էին քաղաք վերադառնալ, որովհետև, ռմբակոծում էին ոչ թե այն ավերելու նպատակով, այլ հենց այնպես, հավուր պատշաճի։ Բնակչությունը շարունակում էր մնալ քաղաքում, որտեղ կային հոսպիտալներ ու սրճարաններ, փողոցների ծայրին՝ թնդանոթներ, ինչպես նաև երկու հասարակաց տուն, մեկը՝ զինվորների համար, մյուսը՝ սպաների։ Ու երբ ամառը վերջացավ, զով գիշերները, կռիվը մոտիկ լեռներում, ռումբերի հետքեր կրող կամրջի երկաթը, գետափին, երբեմնի կռվի վայրում քարուքանդ եղած թունելը, հրապարակի շրջակա ծառերը և դեպի հրապարակ տանող երկար ծառուղին,— այս ամենը, ինչպես նաև այն, որ քաղաքում աղջիկներ կային, որ թագավորն էր անցնում իր մեքենայով և հիմա արդեն կարելի էր երբեմն տեսնել նրա դեմքը, երկար վիզը, փոքր մարմինը և մոխրագույն այծամորուքը, այս ամենը, ինչպես նաև քանդված պատի միջից տների՝ հանկարծ բացվող ամբողջ ներքինը, պարտեզներում, երբեմն նաև փողոցներում թափված ծեփն ու խիճը և այն, որ Կարսոյում գործերը բարեհաջող էին, այս ամենը շատ էին տարբերում այս աշունն անցյալ աշնանից, երբ մենք ապրում էինք գյուղում։ Պատերազմն էլ էր մի տեսակ փոխվել։
  
Քաղաքից դուրս, լեռան վրա, ոչնչացված մի անտառ կար։ Ամռանը, երբ մենք քաղաք մտանք, անտառը դեռ կանաչ էր, բայց հիմա այնտեղ միայն կոճղեր ու ջարդված ծառաբներ էին մնացել, իսկ հողը տակնուվրա էր արված։ Մի անգամ, աշնան վերջին, երբ քաղաքից դուրս էի եկել ու կանգնել նախկին այս անտառում, սարի ուղղությամբ շարժվող մի ամպ երևաց։ Եվ ամպը շատ արագ էր մոտենում, և արևը դարձավ աղոտ դեղնավուն, և հետո ամեն ինչ փոխվեց մոխրագույնի, և երկինքը ծածկվեց, և ամպը իջավ լեռան վրա ու հանկարծ պատեց մեզ, և դա ձյուն էր։ Ձյունը շեղակի էր գալիս քամու հետ, մերկ հողը ծածկվեց, ծառերի կոճղերը դուրս ցցվեցին, թնդանոթների վրա ձյուն նստեց, իսկ ձյան մեջ բացված ոտնահետքերը տանում էին դեպի խրամատներից այն կողմ ընկած արտաքնոցները։
 
Ավելի ուշ, քաղաք վերադառնալուց հետո, ընկերոջս հետ նստել էինք սպայական հասարակաց տանը և մի շիշ ասթի էինք խմում։ Ձյուն էր գալիս, և պատուհանից նայելով ծանր ու դանդաղ իջնող ձյանը, մենք հասկացանք, որ հենց դրանով էլ վերջանում էր տարին։ Գետի վերին մասերում գտնվող լեռները դեռ չէին գրավված։ Հանդիպակաց լեռներից և ոչ մեկը նույնպես չէր գրավված։ Ամեն ինչ մնացել էր հաջորդ տարվան։ Ընկերս նկատեց փողոցից անցնող մեր գնդի քահանային, որն զգուշորեն քայլում էր ցեխերի միջով, և թակեց պատուհանը, որպեսզի գրավի նրա ուշադրությունը։ Քահանան բարձրացրեց գլուխը։ Նա տեսավ մեզ և ժպտաց։ Ընկերս նշան արեց, որ ներս գա։ Քահանան բացասաբար շարժեց գլուխը և շարունակեց ճամփան։ Այդ գիշեր ճաշարանում սովորականի պես սպագետտի էինք ուտում, ուտում էինք շատ արագ և շատ լուրջ, պատառաքաղի վրա այնպես վերցնելով, որ ծայրերը կախվեն օդից և հնարավոր լինի բերանը տանել, կամ պատառաքաղը պնակից հազիվ բարձրացնելով ու անդադար ներս քաշելով, իսկ հետո գինի էինք խմում հյուսկեն տափաշշից, որ ճոճվում էր մետաղե հենակից կախված։ Բավական էր ցուցամատով իջեցնել շշի բերանը, և թունդ, հաճեէի, պարզ-կարմիր գինին թափվում էր այդ նույն ձեռքով պահված բաժակի մեջ։ Սպագետտիի այս արարողությունն ավարտելուց հետո կապիտանն սկսեց ձեռ առնել քահանային։
+
Ավելի ուշ, քաղաք վերադառնալուց հետո, ընկերոջս հետ նստել էինք սպայական հասարակաց տանը և մի շիշ ասթի էինք խմում։ Ձյուն էր գալիս, և պատուհանից նայելով ծանր ու դանդաղ իջնող ձյանը, մենք հասկացանք, որ հենց դրանով էլ վերջանում էր տարին։ Գետի վերին մասերում գտնվող լեռները դեռ չէին գրավված։ Հանդիպակաց լեռներից և ոչ մեկը նույնպես չէր գրավված։ Ամեն ինչ մնացել էր հաջորդ տարվան։ Ընկերս նկատեց փողոցից անցնող մեր գնդի քահանային, որն զգուշորեն քայլում էր ցեխերի միջով, և թակեց պատուհանը, որպեսզի գրավի նրա ուշադրությունը։ Քահանան բարձրացրեց գլուխը։ Նա տեսավ մեզ և ժպտաց։ Ընկերս նշան արեց, որ ներս գա։ Քահանան բացասաբար շարժեց գլուխը և շարունակեց ճամփան։ Այդ գիշեր ճաշարանում սովորականի պես սպագետտի էինք ուտում, ուտում էինք շատ արագ և շատ լուրջ, պատառաքաղի վրա այնպես վերցնելով, որ ծայրերը կախվեն օդից և հնարավոր լինի բերանը տանել, կամ պատառաքաղը պնակից հազիվ բարձրացնելով ու անդադար ներս քաշելով, իսկ հետո գինի էինք խմում հյուսկեն տափաշշից, որ ճոճվում էր մետաղե հենակից կախված։ Բավական էր ցուցամատով իջեցնել շշի բերանը, և թունդ, հաճելի, պարզ-կարմիր գինին թափվում էր այդ նույն ձեռքով պահված բաժակի մեջ։ Սպագետտիի այս արարողությունն ավարտելուց հետո կապիտանն սկսեց ձեռ առնել քահանային։
  
Քահանան երիտասարդ էր և շատ շուտ էր կարմրում։ Նա մեզ նման համազգեստ էր հագել, միայն այն տարբերությամբ, որ մոխրագույն բաճկոնակի ձախ ծոցագրպանի վրա մուգ կարմիր թավշից մի խաչ էր կախել։ Կապիտանը խոսում էր կոտրատված իտալերենով, ավելորդ մի հաճոյակատարություն, որպեսզի կարողանայի ամեն ինչ հասկանալ ու ոչինչ բաց չթողնել։
 
Տող 50. Տող 49.
 
— Զզվելի և կեղտոտ գիրք է,— ասաց քահանան։— Չի կարող պատահել, որ հավանած լինեք։
 
— Շատ օգտակար դիրք է,— ասաց լեյաենանտը։— Այնտեղ ամեն ինչ գրված է հոգևորականների մասին։ Ձեզ անպայման դուր կգա։— Ես ժպտացի քահանային, նա ևս ժպտաց մոմի աղոտ լույսի տակ։
+
— Շատ օգտակար գիրք է,— ասաց լեյտենանտը։— Այնտեղ ամեն ինչ գրված է հոգևորականների մասին։ Ձեզ անպայման դուր կգա։— Ես ժպտացի քահանային, նա ևս ժպտաց մոմի աղոտ լույսի տակ։
  
— Չկարդաք,— ասաց նա։
 
— Չկարդաք,— ասաց նա։
Տող 58. Տող 57.
 
— Բոլոր մտածող մարդիկ էլ աթեիստ են,— ասաց մայորը։— Ես ոչ էլ մասոնությանն եմ հավատում։
 
ես հավատում եմ մասոնությանը,— ասաց լեյտենանտը։— Ազնիվ կազմակերպություն է։
+
Ես հավատում եմ մասոնությանը,— ասաց լեյտենանտը։— Ազնիվ կազմակերպություն է։
  
Ինչ֊որ մեկը ներս մտավ, ու բաց դռան արանքից ես տեսա, թե ինչպես էր գալիս ձյունը։
 
Տող 84. Տող 83.
 
Բոլորր ծիծաղեցին։
 
Բոլորր ծիծաղեցին։
  
— Նայեցեք,— ասաց կապիտանը։ Նա նորից չռեց մատները։ Մատների ստվերը նորից ընկավ պատին։ Նա սկսեց բթամատից և հերթով տվեց մյուս մատների անունները. Sotto-tenentente<ref>Կրտսեր լեյտենանտ (իտ.)։</ref> (բթամատ), tenente<ref>Լեյլտենանտ (իտ․)։</ref> (ցուցամատ), capitano<ref>Կապիտան (իտ.)։</ref> (միջնամատ), maggiore<ref>Մայոր (իտ․)։</ref> (մատնեմատ) և tenente-colonello<ref>Փոխգնդապետ (իտ)։</ref> (ճկույթ)։— Դուք գնում եք որպես sotto-tenente։ Վերադառնում եք որպես tenente-colonello։
+
— Նայեցեք,— ասաց կապիտանը։ Նա նորից չռեց մատները։ Մատների ստվերը նորից ընկավ պատին։ Նա սկսեց բթամատից և հերթով տվեց մյուս մատների անունները. Sotto-tenente<ref>Կրտսեր լեյտենանտ (իտ.)։</ref> (բթամատ), tenente<ref>Լեյտենանտ (իտ․)։</ref> (ցուցամատ), capitano<ref>Կապիտան (իտ.)։</ref> (միջնամատ), maggiore<ref>Մայոր (իտ․)։</ref> (մատնեմատ) և tenente-colonello<ref>Փոխգնդապետ (իտ)։</ref> (ճկույթ)։— Դուք գնում եք որպես sotto-tenente։ Վերադառնում եք որպես tenente-colonello։
  
Բոլորը ծիծաղեցին։ Կապիտանի չինական ստվերները մեծ հաջողություն ունեցան։ Նա նայեց քահանային ու բղավեց.
 
Տող 119. Տող 118.
 
== Գլուխ 3 ==
 
== Գլուխ 3 ==
  
Երբ ռազմաճակատ վերադարձա, մենք դեռ նույն քաղաքում էինք ապրում։ Շրջակայքում հիմա ավելի շատ թնդանոթ կար, և արդեն գարուն էր։ Դաշտերր կանաչ էին, և որթատունկերի վրա փոքրիկ կանաչ ընձյուղներ էին երևում։ Ճամփեզրի ծառերը ծածկվել էին մանր տերևներով, և ծովի կողմից թեթև քամի էր փչում։ Ես տեսա քաղաքը, բլուրը և բլրի խորշում կառուցված հին դղյակը, տեսա նաև լեռները, գորշ լեռները, որոնց լանջերին հազիվ էր կանաչը կպել։ Քաղաքում է՛լ ավելի շատ թնդանոթ կար, մի քանի նոր հոսպիտալներ էին բացվել, փողոցներում կարելի էր հանդիպել անգլիացիների, երբեմն նաև անգլուհիների, ռմբակոծումից վնասվել էին ևս մի քանի տներ։ Տաք էր, իսկական գարուն, ես քայլում էի ծառուղիով և զգում ջերմությունն արևի, որի ճառագայթներն ընկել էին պատի վրա։ Պարզվեց, որ մենք դեռևս մեր հին տանն էինք ապրում, այնտեղ ամեն ինչ նույնն էր մնացել իմ արձակուրդ գնալուց ի վեր։
+
Երբ ռազմաճակատ վերադարձա, մենք դեռ նույն քաղաքում էինք ապրում։ Շրջակայքում հիմա ավելի շատ թնդանոթ կար, և արդեն գարուն էր։ Դաշտերը կանաչ էին, և որթատունկերի վրա փոքրիկ կանաչ ընձյուղներ էին երևում։ Ճամփեզրի ծառերը ծածկվել էին մանր տերևներով, և ծովի կողմից թեթև քամի էր փչում։ Ես տեսա քաղաքը, բլուրը և բլրի խորշում կառուցված հին դղյակը, տեսա նաև լեռները, գորշ լեռները, որոնց լանջերին հազիվ էր կանաչը կպել։ Քաղաքում է՛լ ավելի շատ թնդանոթ կար, մի քանի նոր հոսպիտալներ էին բացվել, փողոցներում կարելի էր հանդիպել անգլիացիների, երբեմն նաև անգլուհիների, ռմբակոծումից վնասվել էին ևս մի քանի տներ։ Տաք էր, իսկական գարուն, ես քայլում էի ծառուղիով և զգում ջերմությունն արևի, որի ճառագայթներն ընկել էին պատի վրա։ Պարզվեց, որ մենք դեռևս մեր հին տանն էինք ապրում, այնտեղ ամեն ինչ նույնն էր մնացել իմ արձակուրդ գնալուց ի վեր։
  
Դուռը բաց էր, դրսի նստարանին, արևի տակ, մի զինվոր էր նստած, կողքի դռան մոտ սպասում էր շտապ օգնության մեքենան, իսկ ներսում մարմարե հատակի ու հիվանդանոցի հոտ էր գալիս։ Ամեն ինչ նույնն էր, միայն այն տարբերությամբ, որ հիմա գարուն էր։ Ներս նայեցի մեծ սենյակի դռան արանքից ու տեսա գրասեղանի մոտ նստած մայորին, պատուհանը բաց էր, ու արևի լույսը լցվել էր սենյակ։ Նա ինձ չնկատեց, ու ես չգիտեի ինչ անել՝ մտնել զեկուցե՞լ, թե՞ նախ վեր բարձրանալ ու լվացվել։ Որոշեցի բարձրանալ։
 
Տող 212. Տող 211.
 
— Մարտկոցի վրա կրակո՞ւմ են,— հարցրի մեխանիկներից մեկին։
 
— Ոչ, signor lenente։ Բլրակը պաշտպանում է։
+
— Ոչ, signor tenente։ Բլրակը պաշտպանում է։
  
— Ինչպե՞ս են գործերը։
 
— Ինչպե՞ս են գործերը։
Տող 226. Տող 225.
 
Մյուսները ևս քմծիծաղեցին։
 
Մյուսները ևս քմծիծաղեցին։
  
— Լավ էր,ի՞նչ է պատահել այս մեքենային։
+
— Լավ էր, ի՞նչ է պատահել այս մեքենային։
  
— Բանի պետք չի։ Մեկ էս, մեկ էն․․․
 
— Բանի պետք չի։ Մեկ էս, մեկ էն․․․
Տող 248. Տող 247.
 
Թվում էր, թե գործերն իմ բացակայության ժամանակ կարգավորվել էին։ Լսեցի, որ նորից հարձակում է պատրաստվում։ Դիվիզիան, որին մենք սպասարկում էինք, պետք է հարձակում գործեր գետի վերին հոսանքներում, և մայորն ինձ ասաց, որ հարձակման ժամանակ հոգ տանեմ պահակետերին։ Հարձակվող զորամասերը պետք է գետն անցնեին նեղ կիրճից վեր և ապա ցրվեին լեռնալանջում։ Անհրաժեշտ էր, որ մեքենաների պահակետերը հնարավորին չափ մոտ լինեին գետին և պաշտպանության տակ գտնվեին։ Նրանց տեղերն, անշուշտ, պետք է հետևակը որոշեր, սակայն ենթադրվում էր, թե պլանը մենք ենք մշակում։ Դա այն բաներից մեկն էր, որ զինվորական գործունեության պատրանք է ստեղծում։
 
Ես շատ էի փոշոտվել ու կեղտոտվել։ Բարձրացա մեր սենյակը, որպեսզի լվացվեմ։ Ռինալդին նստել էր մահճակալի վրա, Հյուգոյի անգլերեն քերականության դիրքը ձեռքին։ Նա համազգեստով էր, հագել էր սև կոշիկները, մազերը փայլում էին։
+
Ես շատ էի փոշոտվել ու կեղտոտվել։ Բարձրացա մեր սենյակը, որպեսզի լվացվեմ։ Ռինալդին նստել էր մահճակալի վրա, Հյուգոյի անգլերեն քերականության գիրքը ձեռքին։ Նա համազգեստով էր, հագել էր սև կոշիկները, մազերը փայլում էին։
  
— Ինչ լավ է,— ինձ տեսնելով, ասաց նա։— Դուք ինձ հետ կգաք միսս Բարկլիի մոտ։
 
Տող 322. Տող 321.
 
— Լսել եմ դրա մասին,— ասաց նա։— Մեր կողմերում այդպիսի ճակատամարտ երբեք չի եղել։ Ինձ այս փոքրիկ ձեռնափայտն ուղարկեցին։ Նրա մայրն ուղարկեց մյուս իրերի հետ միասին։
 
— Երկա՞ր Ժամանակ էիք նշանված։
+
— Երկա՞ր ժամանակ էիք նշանված։
  
— Ութ տարի։ Մենք միասին ենք մեծացել։
 
— Ութ տարի։ Մենք միասին ենք մեծացել։
Տող 390. Տող 389.
 
— Ոչ։
 
— Ոչ։
  
— Իսկ ի՞նչը կարոդ է այն դադարեցնել։
+
— Իսկ ի՞նչը կարող է այն դադարեցնել։
  
— Ինչ-որ մի տեղ ձախողում կլինի։
 
— Ինչ-որ մի տեղ ձախողում կլինի։
Տող 453. Տող 452.
 
Հաջորդ երեկոյան ես նորից այցելեցի միսս Բարկլիին։ Նա պարտեզում չէր, ու ես գնացի դեպի առանձնատան այն մուտքը, որի առաջ կանգնում էին սանիտարական մեքենաները։ Ներս մտա ու հանդիպեցի ավագ հիվանդապահուհուն։ Նա ասաց, որ միսս Բարկլին հերթապահ է։
 
— Դե, դիտեք, պատերազմ է։
+
— Դե, գիտեք, պատերազմ է։
  
Ասացի, որ գիտեմ։
 
Ասացի, որ գիտեմ։
Տող 477. Տող 476.
 
— Չնայած գեղեցիկ լեզվի՞ն։
 
— Չնայած գեղեցիկ լեզվի՞ն։
  
— Այո։ եվ չնայած գեղեցիկ համազգեստներին։
+
— Այո։ Եվ չնայած գեղեցիկ համազգեստներին։
  
— Ցտեսություն,— ասացի ես։
 
— Ցտեսություն,— ասացի ես։
Տող 489. Տող 488.
 
Մեքենան նեղ ճանապարհով քշեցի դեպի գետը, թողեցի վիրակապական կայանում, բլրի տակ, անցա նավակամուրջը, որը պաշտպանված էր լեռան ելուստով և շրջեցի ավերված քաղաքում ու լեռնալանջի ստորոտի երկարությամբ փորված խրամատներում։ Բոլորն էլ բլինդաժներում էին։ Տեսա բազմաթիվ հրթիռներ, որոնց միջոցով հրետանու օգնությանն էին դիմում և կամ, հեռախոսային կապը խզվելու դեպքում, ազդանշան տալիս։ Խաղաղ էր, շոգ և լորս կողմը՝ կեղտոտ։ Փշալարերի արանքից նայեցի ավստրիական դիրքերին։ Ոչ ոք չէր երևում։ Բլինդաժներից մեկում ծանոթ մի կապիտանի հանդիպեցի, մի քիչ խմեցինք նրա հետ, ապա, կամուրջն անցնելով, վերադարձա։
 
Ավարտվում էր նոր և լայն ճանապարհի կառուցումը, որն անցնելու էր լեռան վրայով, ապա կեռմաններով իջնելու էր դեպի կամուրջը։ Հենց որ կառուցումն ավարտվեր, սկսվելու էր հարձակումը։ Ճանապարհը զառիթափ պտույտներ էր գործում և իջնում անտառի միջով։ Ծրագրի համաձայն, ամեն ինչ պետք է տեղափոխվեր նոր ճանապարհով, իսկ դատարկ բեռնատարները, սայլերը, վիրավորներով լեցուն սանիտարական մեքենաները և ետ դարձող ամբողջ տրանսպորտը՝ հին, նեղ ճանապարհով։ Վիրակապական կայանը գտնվում էր գետի ավստրիական մասում, բլրի ծայրին, և պատգարակների վրա պառկած վիրավորներին հարկավոր էր նավակամրջով անցկացնել։ Նույն բանն էր արվելու նաև հարձակումից հետո։ Ինչքան որ պատկերացրի, նոր ճանապարհի վերջին մղոնը կամ զուցե մի քիչ էլ ավելի, այսինքն այն մասը, որ լրիվ հարթ էր, անընդհատ ավստրիական հրետանու ռմբակոծման տակ էր գտնվելու։ Ամեն ինչից, երևում էր, որ դա բազում անախորժություններ է պատճառելու։ Բայց ես գտա մի տեղ, ուր մեքենաները կարող էին պատսպարվել ճանապարհի այդ վտանգավոր հատվածն անցնելուց հետո և սպասել, մինչև, վիրավորներին անցկացնեին նավակամրջից։ Ես շատ կուզենայի մեքենան քշել նոր ճանապարհով, բայց այն դեռ անավարտ էր։ Լայն էր ճանապարհը, կառուցված բարձր որակով, հարմար զառիթափեր ուներ, և անտառի բացատների միջից նրա ոլորանները շատ տպավորիչ էին։ Ուժեղ արգելակներ ունեցող մեքենաների համար հեշտ էր զառիթափով իջնել, բայց համենայն դեպս, իջնելիս նրանք բեռնավորված չէին լինի։ Նեղ ճանապարհով ես ետ վերադարձա։
+
Ավարտվում էր նոր և լայն ճանապարհի կառուցումը, որն անցնելու էր լեռան վրայով, ապա կեռմաններով իջնելու էր դեպի կամուրջը։ Հենց որ կառուցումն ավարտվեր, սկսվելու էր հարձակումը։ Ճանապարհը զառիթափ պտույտներ էր գործում և իջնում անտառի միջով։ Ծրագրի համաձայն, ամեն ինչ պետք է տեղափոխվեր նոր ճանապարհով, իսկ դատարկ բեռնատարները, սայլերը, վիրավորներով լեցուն սանիտարական մեքենաները և ետ դարձող ամբողջ տրանսպորտը՝ հին, նեղ ճանապարհով։ Վիրակապական կայանը գտնվում էր գետի ավստրիական մասում, բլրի ծայրին, և պատգարակների վրա պառկած վիրավորներին հարկավոր էր նավակամրջով անցկացնել։ Նույն բանն էր արվելու նաև հարձակումից հետո։ Ինչքան որ պատկերացրի, նոր ճանապարհի վերջին մղոնը կամ զուցե մի քիչ էլ ավելի, այսինքն այն մասը, որ լրիվ հարթ էր, անընդհատ ավստրիական հրետանու ռմբակոծման տակ էր գտնվելու։ Ամեն ինչից, երևում էր, որ դա բազում անախորժություններ է պատճառելու։ Բայց ես գտա մի տեղ, ուր մեքենաները կարող էին պատսպարվել ճանապարհի այդ վտանգավոր հատվածն անցնելուց հետո և սպասել, մինչև վիրավորներին անցկացնեին նավակամրջից։ Ես շատ կուզենայի մեքենան քշել նոր ճանապարհով, բայց այն դեռ անավարտ էր։ Լայն էր ճանապարհը, կառուցված բարձր որակով, հարմար զառիթափեր ուներ, և անտառի բացատների միջից նրա ոլորանները շատ տպավորիչ էին։ Ուժեղ արգելակներ ունեցող մեքենաների համար հեշտ էր զառիթափով իջնել, բայց համենայն դեպս, իջնելիս նրանք բեռնավորված չէին լինի։ Նեղ ճանապարհով ես ետ վերադարձա։
  
Երկու կարաբինավոր կանգնեցրին մեքենան։ Մի արկ պայթեց ճանապարհի վերևում, իսկ քիչ անց՝ ևս երեք արկ։ Դրանք 77 միլիմետրանոց արկեր էին, որոնք պայթելու ժամանակ օդի սաստիկ ճնշում էին առաջացնում, ապա՝ կտրուկ, կարճ պայթյուն, բռնկում, և ճանապարհը ծածկվում էր մոխրագույն ծխով։ Կարաբինավորները նշան արեցին, որ կարելի էր շարունակել ճանապարհը։
 
Տող 563. Տող 562.
 
— Օ, սիրելիս, ասաց նա։— Դուք միշտ բարի կլինեք իմ հանդեպ, այնպես չէ՞։
 
«Գրողը տւսնի»,— մտածեցի ես։ Շոյեցի մազերը և թփթփացրի ուսին։ Նա լաց էր լինում։
+
«Գրողը տանի»,— մտածեցի ես։ Շոյեցի մազերը և թփթփացրի ուսին։ Նա լաց էր լինում։
  
— Բարի կլինեք, այնպես չէ՞։— Նա հայացքն ինձ ուղղեց։— Որովհետև մեզ շատ տարօրինակ կյանք է սպասում։
 
Տող 598. Տող 597.
 
== Գլուխ 6 ==
 
== Գլուխ 6 ==
  
Երկու օրով գնացի պահակետերը շրջելու։ Երբ տուն վերադարձա, արդեն շատ ուշ էր, և միայն հաջորդ երեկոյան կարողացա հանդիպել միսս Բարկլիին։ Նա պարտեզում չէր, ու ես ստիպված եղա հիվանդանոցի գրասենյակում սպասել, մինչև նա իջներ։ Գրասենյակի պատերի երկարությամբ, փայտե ներկված պատվանդանների վրա, շարված էին մեծ թվով մարմարե կիսանդրիներ։ Նախասրահում՝ նույնպես։ Ընդհանրապես մարմարն այնպիսի յուրահատկություն ունի, որ բոլոր կիսանդրիները նման են լինում իրար։ Քանդակագործությունը միշտ էլ ձանձրալի զբաղմունք է թվացել
+
Երկու օրով գնացի պահակետերը շրջելու։ Երբ տուն վերադարձա, արդեն շատ ուշ էր, և միայն հաջորդ երեկոյան կարողացա հանդիպել միսս Բարկլիին։ Նա պարտեզում չէր, ու ես ստիպված եղա հիվանդանոցի գրասենյակում սպասել, մինչև նա իջներ։ Գրասենյակի պատերի երկարությամբ, փայտե ներկված պատվանդանների վրա, շարված էին մեծ թվով մարմարե կիսանդրիներ։ Նախասրահում՝ նույնպես։ Ընդհանրապես մարմարն այնպիսի յուրահատկություն ունի, որ բոլոր կիսանդրիները նման են լինում իրար։ Քանդակագործությունը միշտ էլ ձանձրալի զբաղմունք է թվացել ինձ։ Գուցե միայն բրոնզն է, որ դեռևս բանի նման է։ Իսկ մարմարե կիսանդրիները գերեզմանատուն են հիշեցնում։ Թեև Պիզայում մի շատ գեղեցիկ գերեզմանատուն կա։ Մարմարե ամենավատ կիսանդրիները Ջենովայում են։ Առաջ սա եղել էր մի մեծահարուստ գերմանացու առանձնատունը և, ըստ երևույթին, մարմարե կիսանդրիները բավական թանկ են նստել տիրոջ վրա։ Հետաքրքիր է, թե ով էր քանդակագործը և ինչքան էր ստացել այդ աշխատանքի համար։ Փորձում էի որոշել՝ նո՞ւյն ընտանիքի անդամներ էին նրանք, թե ոչ։ Բայց բոլորն էլ միանման էին և դասական տեսք ունեին։ Հնարավոր չէր որոշակի որևէ բան ասել նրանց մասին։
  
&lt;&lt; պակասող երկու էջ &gt;&gt;
+
Ես նստել էի աթոռին և բռնել գլխարկս։ Սահմանված էր, որ նույնիսկ Գորիցիայում մենք պետք է պողպատե սաղավարտներ կրեինք, բայց դրանք անհարմար էին ու շատ թատերական, հատկապես մի քաղաքում, որի բնակիչները չէին էվակուացված։ Ես սաղավարտ էի հագնում միայն պահակետերն ստուգելիս և ինձ հետ էի վերցնում նաև անգլիական հակագազը, որ վերջերս էինք ստացել։ Դրանք իսկական դիմակներ էին։ Մենք պարտավոր էինք կրել նաև ավտոմատ ատրճանակ, նույնիսկ՝ բժիշկներն ու սանիտարական զորամասի սպաները։ Աթոռին հենվելիս զգում էի ատրճանակը։ Եթե առանց դրա փողոց դուրս գայիր, անպայման կձերբակալեին։ Ռինալդին, ատրճանակի փոխարեն, զուգարանի թուղթ էր խցկում պատյանի մեջ։ Ես իսկական ատրճանակ էի կրում և անընդհատ զինված էի զգում ինձ, մինչև որ առիթ եղավ օգտագործել այն։ «Աստրա» տիպի, 7.65 տրամաչափի, կարճ փողով մի հրացան էր դա։ Կրակելիս այնպես էր ցնցվում, որ խոսք անգամ չէր կարող լինել ճիշտ նշանառության մասին։ Զինավարժության ժամանակ նշան էի բռնում թիրախի տակ և փորձում էի այնպես անել, որ այդ կարճ ու անհեթեթ փողը չդողդողար, մինչև որ վերջապես կարողացա քսան քայլից մեկ յարդի սահմաններում խոցել նշանակետը, և դրանից հետո գլխի ընկա, թե ինչքան անհեթեթ բան էր ատրճանակ կրելն ու շուտով մոռացա նրա գոյությունը, ատրճանակը ճոճվում էր գոտկատեղից կախված, իսկ ես ոչինչ չէի զգում, ու միայն երբեմն, անգլիացիների կամ ամերիկացիների հանդիպելիս, մի թեթև ամաչում։ Եվ ահա հիմա, աթոռին նստած, ես դիտում էի մարմարե հատակը, մարմարե կիսանդրիներով պատվանդանները, պատերի որմնանկարները և սպասում միսս Բարկլիին, իսկ գրասենյակի հերթապահը անբարեհաճ հայացքով ինձ էր նայում իր բարձր սեղանի ետևից։ Որմնանկարները վատ չէին։ Ընդհանրապես որմնանկարները լավ են լինում, երբ նրանց ներկն սկսում է ճաքճքել ու թափվել։
 +
 
 +
Տեսնելով, որ Կետրին Բարկլին նախասրահ մտավ, ես վեր կացա։ Մոտենալիս նա այնքան էլ բարձրահասակ չէր երևում, բայց շատ գեղեցիկ էր։
 +
 
 +
— Բարի երեկո, միստր Հենրի,— ասաց նա։
 +
 
 +
— Բարի երեկո,— ասացի ես։
 +
 
 +
Հերթապահն ականջ էր դրել մեզ։
 +
 
 +
— Այստե՞ղ նստենք, թե պարտեզ դուրս գանք։
 +
 
 +
— Եկեք դուրս գանք։ Պարտեզում ավելի զով է։
 +
 
 +
Ես նրա ետևից քայլեցի մինչև դուռը, իսկ հերթապահը հայացքով անընդհատ հետևում էր մեզ։ Պարտեզում, խճաքարերով ծածկված արահետի վրա, նա հարցրեց ինձ․
 +
 
 +
— Ո՞ւր էիք գնացել։
 +
 
 +
— Գնացել էի պահակետերը։
 +
 
 +
— Իսկ չէի՞ք կարող մի երկտող ուղարկել։
 +
 
 +
— Ոչ,— ասացի ես։— Չստացվեց։ Կարծում էի, թե նույն օրը կվերադառնամ։
 +
 
 +
— Բայց սիրելիս, դուք պարտավոր էիք ինձ մի կերպ իմաց տալ։
 +
 
 +
Մենք դուրս եկանք արահետից և հիմա քայլում էինք ծառերի տակ։ Ես բռնեցի նրա ձեռքը, կանգ առա ու համբուրեցի նրան։
 +
 
 +
— Չե՞նք կարող որևէ տեղ գնալ։
 +
 
 +
— Ոչ,— ասաց նա։— Կարող ենք միայն այստեղ զբոսնել։ Դուք երկար բացակայեցիք։
 +
 
 +
— Այսօր երրորդ օրն է։ Բայց հիմա ես վերադարձել եմ։
 +
 
 +
Նա նայեց ինձ։
 +
 
 +
— Եվ դուք ինձ սիրո՞ւմ եք։
 +
 
 +
— Այո։
 +
 
 +
— Ասացիք, որ սիրում եք, այնպես չէ՞։
 +
 
 +
— Այո,— ստեցի ես։— Սիրում եմ ձեզ։
 +
 
 +
Առաջ այդպիսի բան երբեք չէի ասել։
 +
 
 +
— Եվ դուք ինձ Կետրի՞ն կկոչեք։
 +
 
 +
— Կետրին։
  
Մի քիչ էլ քայլեցինք ու կանգ առանք մի ծառի տակ։
 
Տող 614. Տող 661.
 
— Ես ձեզ այնքան եմ սիրում, և դա ուղղակի սարսափելի էր։ Դուք այլևս չեք գնա, չէ՞։
 
— Ոչ։ Եu միշտ կվերադառնամ։
+
— Ոչ։ Ես միշտ կվերադառնամ։
  
— Ես ձեզ այնքան եմ սիրում։ Ձեր ձեռքը նորից այստեղ դրեք։
 
Տող 652. Տող 699.
 
— Ոչ միշտ։ Բայց ձերը կռահում եմ։ Կարիք չկա ձևացնել, թե սիրում եք ինձ։ Այս երեկոյի համար այսքանն էլ բավական է։ Ուրիշ ինչի՞ մասին կուզենայիք խոսել։
 
— Բայց ես սիրում եմ ձեւր
+
— Բայց ես սիրում եմ ձեզ։
  
— Խնդրում եմ, չխաբենք իրար, եթե դրա հարկը չկա։ Դուք շատ լավ խաղացիք ձեր դերը, ու հիմա ամեն ինչ կարգին է։ Տեսնում եք, ես ոչ խելագար եմ, ոչ էլ խելքս եմ թռցրել։ Միայն մեկ-մեկ է պատահում․․․
 
Տող 703. Տող 750.
 
== Գլուխ 7 ==
 
== Գլուխ 7 ==
  
Հաջորդ օրը, լեռնային առաջին պահակետից վերադառնալուց հետո, մեքենան կանգնեցրի smistamento-յի<ref>Էվակուացման հավաքատեղի (իտ.)։</ref> առաջ, որտեղ վիրավորներն ու հիվանդները, ըստ իրենց փաստաթղթերի, բաշխվում էին տարբեր հոսպիտալների վրա։ Մեքենան ես էի վարում։ Մնացի ղեկի մոտ, իսկ վարորդը փաստաթղթերը ներս տարավ։ Շոգ օր էր, երկինքը՝ կապույտ և շատ պայծառ, ճանապարհը՝ փոշոտ ու սպիտակ։ Ես նստել էի ֆիատի բարձր նստատեղին ու ոչինչ չէի մտածում։ Ճանապարհով մի գունդ էր անցնում, ու ես նայում էի, թե ինչպես են զինվորները քայլում։ Նրանք քրտնած էին և ուժասպառ։ Մի քանիսը պողպատե սաղավարտներ էին հագել, իսկ մյուսները՝ դրանք կախել էին պայուսակներից։ Սաղավարտները մեծ էին և հասնում էին մարդկանց ականջներին։ Բոլոր սպաները սաղավարտ էին դրել։ Լավ նստած սաղավարտներ։ Դա Բազիլիկատի բրիգադի Ալեսն էր։ Դա կարելի էր նկատել նրանց օձիքների ճերմակ ու կարմիր զոլերով վրակարերից։ Գունդն արդեն վաղուց էր անցել, բայց դեռ շատ ետ մնացողներ կային, որոնք չէին կարողացել իրենց ջոկաաի հետ համաքայլ գնալ։ Նրանք փոշոտ էին, հոգնած ու քրտնած։ Մի քանիսը հիվանդ էին երևում։ Ետ մնացողներից վերջինն էլ հեռացավ։ Ճանապարհին ևս մի զինվոր հայտնվեց։ Նա կաղում էր։ Կանգ առավ ու նստեց ճամփի եզրին։ Դուրս եկա մեքենայից ու մոտեցա նրան։
+
Հաջորդ օրը, լեռնային առաջին պահակետից վերադառնալուց հետո, մեքենան կանգնեցրի smistamento-յի<ref>Էվակուացման հավաքատեղի (իտ.)։</ref> առաջ, որտեղ վիրավորներն ու հիվանդները, ըստ իրենց փաստաթղթերի, բաշխվում էին տարբեր հոսպիտալների վրա։ Մեքենան ես էի վարում։ Մնացի ղեկի մոտ, իսկ վարորդը փաստաթղթերը ներս տարավ։ Շոգ օր էր, երկինքը՝ կապույտ և շատ պայծառ, ճանապարհը՝ փոշոտ ու սպիտակ։ Ես նստել էի ֆիատի բարձր նստատեղին ու ոչինչ չէի մտածում։ Ճանապարհով մի գունդ էր անցնում, ու ես նայում էի, թե ինչպես են զինվորները քայլում։ Նրանք քրտնած էին և ուժասպառ։ Մի քանիսը պողպատե սաղավարտներ էին հագել, իսկ մյուսները՝ դրանք կախել էին պայուսակներից։ Սաղավարտները մեծ էին և հասնում էին մարդկանց ականջներին։ Բոլոր սպաները սաղավարտ էին դրել։ Լավ նստած սաղավարտներ։ Դա Բազիլիկատի բրիգադի Ալեսն էր։ Դա կարելի էր նկատել նրանց օձիքների ճերմակ ու կարմիր զոլերով վրակարերից։ Գունդն արդեն վաղուց էր անցել, բայց դեռ շատ ետ մնացողներ կային, որոնք չէին կարողացել իրենց ջոկատի հետ համաքայլ գնալ։ Նրանք փոշոտ էին, հոգնած ու քրտնած։ Մի քանիսը հիվանդ էին երևում։ Ետ մնացողներից վերջինն էլ հեռացավ։ Ճանապարհին ևս մի զինվոր հայտնվեց։ Նա կաղում էր։ Կանգ առավ ու նստեց ճամփի եզրին։ Դուրս եկա մեքենայից ու մոտեցա նրան։
  
— Ի՞նչ է պատահել։
 
— Ի՞նչ է պատահել։
Տող 717. Տող 764.
 
— Իսկ ձեր ո՞տքը․..
 
— Իսկ ձեր ո՞տքը․..
  
— Բան չկա, Իջվածք ունեմ։
+
— Բան չկա, իջվածք ունեմ։
  
― Ինչո՞ւ ավտոմեքենայով չեք գնացել,― հարցրի ես։― Ինչո՞ւ հոսպիտալում չեք պառկել։
 
— Չեն թողնում, լեյտենանտն ասում է, որ ես դւտավորյալ եմ աղեկապս հանել։
+
— Չեն թողնում, լեյտենանտն ասում է, որ ես դիտավորյալ եմ աղեկապս հանել։
  
— Ցույց տվեք։
 
— Ցույց տվեք։
Տող 741. Տող 788.
 
— Կասեն, որ ղիտավորյալ եմ արել։
 
— Կասեն, որ ղիտավորյալ եմ արել։
  
— Չեն կարող,― ասացի ես։― Սա վերք չէ։ Դուք առաշ էլ եք ունեցել, այնպես չէ՞։
+
— Չեն կարող,― ասացի ես։― Սա վերք չէ։ Դուք առաջ էլ եք ունեցել, այնպես չէ՞։
  
― Բայց ես կոորցրել եմ աղեկապս։
+
― Բայց ես կորցրել եմ աղեկապս։
  
― Ձեզ հոսպիտալ կուղարկեն։
 
― Ձեզ հոսպիտալ կուղարկեն։
Տող 785. Տող 832.
 
— Այո։
 
— Այո։
  
— Գլխավոր բժիշկը գիտեր, որ իջվածք ունեմ։ Բայց ես գցել էի աղեկապս, որպեսզի ավելի վատանայի ու նորից գնայի առաջավոր գիծ։
+
— Գլխավոր բժիշկը գիտեր, որ իջվածք ունեմ։ Բայց ես գցել էի աղեկապս, որպեսզի ավելի վատանայի ու նորից չգնայի առաջավոր գիծ։
  
— Հասկանում եմ։
 
— Հասկանում եմ։
Տող 815. Տող 862.
 
— Լեյտենանտ, նայեցեք ինչ ուռուցք է,— բղավեց նա։— Բայց ինչ անենք։ Եկան, գտան ինձ։
 
Երբ առանձնատուն վերադարձա, ժամը հինգն էր. լոգանք ընդունեցի այնտեղ, որտեղ մեքենաներն են լվանում։ Հետո, տաբատն ու ներքնաշապիկը հագիս, բաց պատուհանի առջև նստած, զեկուցագիր էի կազմում։ Երկու օրից հարձակում էր սկսվելու, ու ես իմ մեքենաներով պետք է Պլավա գնայի։ Երկար ժամանակ էր անցել այն օրից, ինչ զեկուցագիր էի ուղարկել Միացյալ Նահանգներ և գիտեի, որ արդեն ժամանակն է գրելու, բայց այնքան էի հետաձգել, որ հիմա դա գրեթե անհնար էր։ Գրելու բան չկար։ Ուղարկեցի Zona di Guerra-յի<ref>Ռազմական գոտի (իտ.)։</ref> մի քանի բացիկներ, որտեղ ամեն ինչ ջնջեցի, բացի երկու բառից. «Ողջ-առողջ եմ»։ Այսպես ավելի շուտ
+
Երբ առանձնատուն վերադարձա, ժամը հինգն էր. լոգանք ընդունեցի այնտեղ, որտեղ մեքենաներն են լվանում։ Հետո, տաբատն ու ներքնաշապիկը հագիս, բաց պատուհանի առջև նստած, զեկուցագիր էի կազմում։ Երկու օրից հարձակում էր սկսվելու, ու ես իմ մեքենաներով պետք է Պլավա գնայի։ Երկար ժամանակ էր անցել այն օրից, ինչ զեկուցագիր էի ուղարկել Միացյալ Նահանգներ և գիտեի, որ արդեն ժամանակն է գրելու, բայց այնքան էի հետաձգել, որ հիմա դա գրեթե անհնար էր։ Գրելու բան չկար։ Ուղարկեցի Zona di Guerra-յի<ref>Ռազմական գոտի (իտ.)։</ref> մի քանի բացիկներ, որտեղ ամեն ինչ ջնջեցի, բացի երկու բառից. «Ողջ-առողջ եմ»։ Այսպես ավելի շուտ կհասնեն։ Այս բացիկներն Ամերիկայում շատ դուր կգան, որովհետև տարօրինակ են ու խորհրդավոր։ Պատերազմն այստեղ տարօրինակ էր ու խորհրդավոր, բայց ինձ թվում էր, թե այն ավելի մտածված էր ու դաժան, քան ավստրիացիների դեմ մղվող մյուս պատերազմները։ Ավստրիական բանակն ստեղծված էր Նապոլեոնին հաղթանակներ պարգևելու համար։ Որևէ Նապոլեոնի։ Կուզենայի, որ մենք էլ Նապոլեոն ունենայինք, բայց դրա փոխարեն ունեինք մի գեր և հաջողակ Il Generale Cadorna և Vittorio Emmanuele, բարակ, երկար վզով ու այծամորուքով փոքրիկ մի մարդ։ Աջափնյա բանակը ղեկավարում էր դուքս Աոստան։ Գուցե նա շատ էր գեղեցիկ մեծ զորավար լինելու համար, բայց իսկական տղամարդու տեսք ուներ։ Շատերը կուզենային, որ նա լիներ թագավորը։ Եվ նա նման էր թագավորի։ Նա թագավորի հորեղբայրն էր ու երրորդ բանակի հրամանատարը։ Մենք երկրորդ բանակում էինք։ Երրորդում անգլիական մի քանի մարտկոցներ կային։ Միլանում երկու անգլիացի հրետանավորների հանդիպեցի։ Շատ լավ տղաներ էին, ու մենք հիանալի երեկո անցկացրինք։ Նրանք խոշորակազմ էին ու ամաչկոտ, ամեն ինչ շփոթեցնում էր նրանց ու միաժամանակ դուր էր գալիս։ Երանի անգլիական բանակում ծառայեի։ Ամեն ինչ շատ ավելի պարզ կլիներ։ Բայց այդ դեպքում երևի սպանվեի։ Իսկ սանիտարական ջոկատում՝ հազիվ թե։ Ոչ, նույնիսկ սանիտարական ջոկատում դա չի բացառված։ Պատահել է, որ անգլիական սանիտարական մեքենաների վարորդները ևս սպանվել են։ Գիտեի, որ չէի սպանվի։ Ո՛չ այս պատերազմում։ Այս պատերազմը ոչ մի կապ չուներ ինձ հետ։ Դա ինձ համար նույնքան վտանգավոր էր, որքան պատերազմը կինոնկարներում։ Բայց և այնպես աղոթում էի աստծուն, որ պատերազմը վերջանար։ Գուցե այս ամառ վերջանար։ Գուցե ավստրիացիներին ջարդեն։ Նրանց միշտ էլ ջարդել են նախորդ պատերազմներում։ Իսկ ինչո՞ւ ոչ այս պատերազմում։ Բոլորն էլ ասում էին, որ ֆրանսիացիները ուժասպառ են եղել։ Ռինալդին ասում էր, թե ֆրանսիացիները խռովություն են բարձրացրել, և զորքը գնում է դեպի Փարիզ։ Ես հարցրի, թե հետո ինչ պատահեց, ու նա պատասխանեց․ «Նրանց կանգնեցրին»։ Ես կուզենայի Ավստրիա գնալ առանց պատերազմի։ Կուզենայի գնալ Շվարցվալդ։ Կուզենայի Հարց գնալ։ Իմիջայլոց, որտե՞ղ են գտնվում Հարցի լեռները։ Կարպատներում հիմա կռիվ էր։ Չէի ուզենա այնտեղ գնալ, թեև լավ կլիներ։ Եթե պատերազմ չլիներ, կարող էի Իսպանիա գնալ։ Արևը մայր էր մտնում, օրը զովանում էր։ Ընթրիքից հետո կայցելեմ Կետրին Բարկլիին։ Կուզենայի, որ հիմա ինձ մոտ լիներ։ Կուզենայի Միլանում լինել նրա հետ։ Ինչ լավ կլիներ Կովայում ճաշել, հետո, տոթ երեկոյան, քայլել Վիա Սանցոյի փողոցով, անցնել կամուրջը, թեքվել ջրանցքի երկայնքով ու Կետրին Բարկլիի հետ հյուրանոց գնալ։ Գուցե և գար։ Գուցե պատկերացներ, թե ես այն տղան եմ, որ սպանվեց Սոմում։ Եվ, ահա, մենք մտնում ենք գլխավոր դռնից, և դռնապանը հանում է գլխարկը, և ես մոտենում եմ հերթապահին, խնդրում բանալին, և նա սպասում է վերելակի մոտ, և հետո մենք մտնում ենք ներս, և վերելակը շատ դանդաղ է բարձրանում ու ամեն հարկում շրխկացնում դռները, և ահա մեր հարկը, և տղան բացում է դուռն ու մի կողմ քաշվում, և Կետրինը դուրս է գալիս, ես էլ եմ դուրս գալիս, և մենք քայլում ենք սրահով, և ես բանալին դնում եմ դռան անցքի մեջ, բայց անում ու ներս մտնում, և հետո վերցնում հեռախոսը ու խնդրում ուղարկել մեկ շիշ կապրի բիանկո՝ սառույցով լիքը արծաթե դույլի մեջ, և ինչքան մոտենում, այնքան ուժեղ է լսվում միջանցիկ սառույցի զնգոցը, և տղան ծեծում է դուռը, և ես ասում եմ նրան․ Թողեք դռան ետևում։ Որովհետև մենք մերկ ենք, որովհետև շատ տոթ է և պատուհանը բաց է, և ծիծեռնակները թռչում են տանիքների վրայով, և երբ մթնում է, մոտենում ես պատուհանին ու տեսնում, թե ինչպես են պստլիկ չղջիկները տների տանիքների ու ծառերի գագաթների վրա այս ու այն կողմ գցում իրենց, և մենք խմում ենք կապրի բիանկոն, և դուռը փակ, և տոթ, և միայն սավան, և մի ամբողջ գիշեր, և մենք սիրում ենք իրար մի ամբողջ գիշեր Միլանի շոգ գիշերվա մեջ։ Ահա թե ինչպես պետք է լիներ ամեն ինչ։ Ես արագ կընթրեմ ու կգնամ Կետրին Բարկլիի մոտ։
  
&lt;&lt; պակասող երկու էջ &gt;&gt;
+
Անվերջ խոսում էին սեղանի շուրջը, իսկ ես գինի էի խմում, որովհետև եղբայրներ չէինք լինի մենք այս գիշեր, եթե չխմեի մի քիչ։ Ես ու քահանան խոսում էինք արքեպիսկոպոս Այրլենդի մասին, որն, ըստ երևույթին, ազնիվ մարդ էր, նրա անիրավ ճակատագրի ու կյանքում կրած անարդարությունների մասին, որոնց մեջ, որպես ամերիկացի, ես էլ իմ մասն ունեի, ու թեև երբեք չէի լսել նրա անունը, ձևացնում էի, թե այդ ամենը վաղուց հայտնի էր ինձ։ Այդպիսի փայլուն բացատրություն լսելուց հետո անքաղաքավարություն կլիներ ոչինչ չիմանալ այդ գործի մասին, չնայած, ի վերջո, պատճառները, հավանաբար, թյուրիմացության արդյունք էին։ Նրա անունն ինձ գեղեցիկ թվաց, բնիկ միննեսթցի էր նա, և դա առավել հնչեղ էր դարձնում այդ անունը, միննեսթցի Այրլենդ, վիկոնսինցի Այրլենդ, միչիգանցի Այրլենդ։ Ոչ, բանն այդ չէ։ Բանն այստեղ ավելի խորն է։ Այո, հայր սուրբ, ճիշտ է, հայր սուրբ։ Գուցե, հայր սուրբ։ Ոչ, հայր սուրբ։ Դուք ավելի լավ գիտեք, հայր սուրբ։ Քահանան լավն էր, բայց ձանձրալի։ Սպաները վատն էին, բայց ձանձրալի։ Թագավորը լավն էր, բայց ձանձրալի։ Գինին վատն էր, բայց ոչ ձանձրալի։ Գինին հանում էր ատամների էմալն ու թողնում քիմքի վրա։
 
+
վարություն կլիներ ոչինչ չիմանալ այդ գործի մասին, չնայած, ի վերջո, պատճառները, հավանաբար, թյուրիմացության արդյունք էին։ Նրա անունն ինձ գեղեցիկ թվաց, բնիկ միննեսթցի էր նա, և առավել հնչեղ էր դարձնում այդ անունը, միննեսթցի Այրլենդ, վիկոնսինցի Այրլենդ, միչիգանցի Այրլենդ։ Ոչ, բանն այդ չէ: Բանն այստեղ ավելի խորն է։ Այո, հայր սուրբ, ճիշտ է, հայր սուրբ։ Գուցե, հայր սուրբ։ Ոչ, հայր սուրբ։ Դուք ավելի լավ գիտեք, հայր սուրբ։ Քահանան լավն էր, բայց ձանձրալի։ Սպաները վատն էին, բայց ձանձրալի։ Թագավորը լավն էր, բայց ձանձրալի։ Գինին վատն էր, բայց ոչ ձանձրալի։ Գինին հանում էր ատամների էմալն թողնում քիմքի վրա։
+
  
— Քահանային էլ բանտարկեցին,— պատմում էր Ռոկկան,— որովհետև երեք տոկոսանոց արժեթղթեր էին գտել նրա մոտ։ Դա, իհարկե, Ֆրանսիայում էր։ Այստեղ նրան երբեք չէին բանտարկի։ Նա պնդում էր, թե ոչինչ չգիտի հինգ տոկոսանոց արժեթղթերի մասին։ Բագյեում էր դա։ Հենց այնտեղ էլ թերթերից իմացա ամեն ինչ, գնացի բանտ ու տեսակցություն խնդրեցի քահանայի հետ։ Պարզ է, որ նա էր գողացել արժեթղթերը։
 
Տող 946. Տող 991.
 
— Վաղը։
 
— Վաղը։
  
Նա վզից ինչոր բան հանեց ու դրեց ձեռքս։
+
Նա վզից ինչ-որ բան հանեց ու դրեց ձեռքս։
  
— Սա սուրբ Անտոնիոսն է,— ասաց նա։— Վաղը երեկոյան եկեք։
 
Տող 960. Տող 1005.
 
— Լավ։
 
— Լավ։
  
— Խելոք մնացեք և զգույշ եղեք։ Ոչ, այստեղ չի կտրելի համբուրվել։ Չի կարելի։
+
— Խելոք մնացեք և զգույշ եղեք։ Ոչ, այստեղ չի կարելի համբուրվել։ Չի կարելի։
  
— Շատ լավ։
 
— Շատ լավ։
  
Հետ նայեցի ու տեսա, որ Կետրինը կանգնած է աստիճաններին։ Նա ձեռքով արեց, իսկ ես օդային համբույր ուղարկեցի։ Նա կրկին ձեռքով արեց, իսկ հետո ծառուղին վերջացավ, նստեցի սանիտոարական մեքենան ու մենք շարժվեցինք։ Սուրբ Անաոնիոսը մետաղյա սպիտակ տուփի մեջ էր։ Տուփը բացեցի ու թափ տվի ափիս մեջ։
+
Հետ նայեցի ու տեսա, որ Կետրինը կանգնած է աստիճաններին։ Նա ձեռքով արեց, իսկ ես օդային համբույր ուղարկեցի։ Նա կրկին ձեռքով արեց, իսկ հետո ծառուղին վերջացավ, նստեցի սանիտարական մեքենան ու մենք շարժվեցինք։ Սուրբ Անտոնիոսը մետաղյա սպիտակ տուփի մեջ էր։ Տուփը բացեցի ու թափ տվի ափիս մեջ։
  
— Սուրբ Անտոնիո՞սն է,— հարցրեց վարորդը։
 
— Սուրբ Անտոնիո՞սն է,— հարցրեց վարորդը։
Տող 976. Տող 1021.
 
— Տեսնո՞ւմ եք։
 
— Տեսնո՞ւմ եք։
  
Սուրբ Անաոնիոսը դրեցի տուփի մեջ, հավաքեցի բարակ ոսկե շղթան ու տեղավորեցի ծոցագրպանումս։
+
Սուրբ Անտոնիոսը դրեցի տուփի մեջ, հավաքեցի բարակ ոսկե շղթան ու տեղավորեցի ծոցագրպանումս։
  
— Չեք կախո՞ւմ։
 
— Չեք կախո՞ւմ։
Տող 986. Տող 1031.
 
— Լավ,— ասացի ես։
 
— Լավ,— ասացի ես։
  
Բացեgի ոսկե շղթայի ագույցը, անցկացրի վզիս ու կոկին փակեցի։ Սուրբը կախվեց համազգեստիս վրա, ես բաց արի օձիքս, արձակեցի վերնաշապկիս կոճակները ու տեղավորեցի մեդալիոնը։ Մեքենայում կրծքիս վրա անընդհատ գգում էի սուրբ Անտոնիոսի մետաղե պատյանը։ Բայց շուտով մոռացա նրա գոյությունը։ Իսկ վիրավորվելուց հետո այլևս երբեք չգտա։ Երևի ինչ֊որ մեկը վերցրել էր վիրակապական կայանում։
+
Բացեցի ոսկե շղթայի ագույցը, անցկացրի վզիս ու կոկին փակեցի։ Սուրբը կախվեց համազգեստիս վրա, ես բաց արի օձիքս, արձակեցի վերնաշապկիս կոճակները ու տեղավորեցի մեդալիոնը։ Մեքենայում կրծքիս վրա անընդհատ գգում էի սուրբ Անտոնիոսի մետաղե պատյանը։ Բայց շուտով մոռացա նրա գոյությունը։ Իսկ վիրավորվելուց հետո այլևս երբեք չգտա։ Երևի ինչ֊որ մեկը վերցրել էր վիրակապական կայանում։
  
Կամուրջն անցնելուց հետո մենք արագացրինք ընթացքը, և քիչ անց առջևում երևաց մյուս մեքենաների հանած փոշին։ Ճանապարհը թեքվեց, ու մենք տեսանք երեք մեքենա, որոնք շատ փոքր էին թվում։ Փոշին ելնում էր անիվների տակից ու բարձրանում ծառերի միջով։ Մենք հասանք ու առաջ անցանք, իսկ հետո շրջվեցինք դեպի լեռներ տանող ճանապարհը։ Շարասյան հետ գնալն այնքան էլ տհաճ չէ, եթե նստած ես առաջին մեքենայում։ Ավելի հարմար տեղավորվեցի նստատեղին ու սկսեցի չորս կողմս դիտել։ Մենք անցնում էինք գետափնյա նախալեռներով, ու երբ ճանապարհը ձգվեց գեպի վեր, հյուսիսում երևացին բարձր լեռները, որոնց գագաթներին դեռ ձյուն կար։ Ետ նայեցի ու տեսա, թե ինչպես էին մյուս երեք մեքենաները, փոշու ամպերով իրարից բաժանված, բարձրանում լեոն ի վեր։ Մենք անցանք բեռնավորված ջորիների երկար քարավանի կողքով, որին ուղեկցում էին կարմիր ֆեսեր դրած մարդիկ։ Իտալական բերսալիներներն էին դրանք։
+
Կամուրջն անցնելուց հետո մենք արագացրինք ընթացքը, և քիչ անց առջևում երևաց մյուս մեքենաների հանած փոշին։ Ճանապարհը թեքվեց, ու մենք տեսանք երեք մեքենա, որոնք շատ փոքր էին թվում։ Փոշին ելնում էր անիվների տակից ու բարձրանում ծառերի միջով։ Մենք հասանք ու առաջ անցանք, իսկ հետո շրջվեցինք դեպի լեռներ տանող ճանապարհը։ Շարասյան հետ գնալն այնքան էլ տհաճ չէ, եթե նստած ես առաջին մեքենայում։ Ավելի հարմար տեղավորվեցի նստատեղին ու սկսեցի չորս կողմս դիտել։ Մենք անցնում էինք գետափնյա նախալեռներով, ու երբ ճանապարհը ձգվեց գեպի վեր, հյուսիսում երևացին բարձր լեռները, որոնց գագաթներին դեռ ձյուն կար։ Ետ նայեցի ու տեսա, թե ինչպես էին մյուս երեք մեքենաները, փոշու ամպերով իրարից բաժանված, բարձրանում լեռն ի վեր։ Մենք անցանք բեռնավորված ջորիների երկար քարավանի կողքով, որին ուղեկցում էին կարմիր ֆեսեր դրած մարդիկ։ Իտալական բերսալիներներն էին դրանք։
  
Ջորիների քարավանից հետո այլևս ոչինչ չհանդիպեցինք ճանապարհին, անցանք մի բլրից մյուսը, ապա իջանք գետահովիտ։ Ճամփի երկու եզրերին ծառեր էին շարված, և աջակողմյան ծառերի արանքից երևում էր գետը, ջուրը մաքուր էր, արագահոս և ոչ խորը։ Գետը ծանծաղ էր և, նեղլիկ վտակներ կազմած, հոսում էր ավազաշերտերի միջով, իսկ երբեմն, լույսի շողի նման, տարածվում էր ու լցվում գալքարերով ծածկված հունը։ Ափի մոտ տեսա խոր փոսեր, որոնց մեջ ջուրը երկնքի պես կապույտ էր։ Տեսա քարե աղեղնավոր կամուրջներ, դեպի ուր ձղվում էին գլխավոր ճանապարհից ճյուղավորվող արահետները, աեսա գյուղական քարե տներ, որոնց հարավային պատերի երկայնքով մեկ շարված էին տանձենիների աշտանակները, ինչպես նաև քարե ցածրիկ պատեր դաշտերում։ Երկար գնացինք հովտով, հետո շրջվեցինք ու նորիg սկսեցինք սար բարձրանալ։ Ճանապարհը կտրուկ բարձրանում էր վեր, շագանակենու անտառի միջով ոլորվում ու պտտվում, վերջապես հավասարվելով լեռնաշարքին։ Անտառի միջից, հեռավոր հովտում, երևում էր արևի տակ փայլփլող գետի սահմանագիծը, որ երկու բանակները բաժանում էր իրարից։ Ահա և ռազմական քարքարոտ նոր ճանապարհը, որն անցնում էր լեռնակատարով, իսկ ես նայում էի հյուսիսի երկու լեռնաշղթաներին, որոնք մինչև ձյան շերտը մուգ էին ու կանաչ, իսկ ավելի վեր, արևի տակ՝ սպիտակ ու պայծառ։ Հետո, երբ ճանապարհը շարունակում էր անընդահատ բարձրանալ, տեսա երրորդ լեռնաշղթան, հավերժական ձյունով ծածկված և տարօրինակ ծալքերով կտրտված բարձրաբերձ լեռներ, որոնք կավճի պես ճերմակ էին։ Ավելի հեռվում էլի լեռներ կային, որոնք, դժվար է ասել, իսկապե՞ս երևում էին, թե ոչ։ Բոլորն էլ ավստրիական լեռներ էին, այդպիսի լեռներ մենք չունեինք։ Ճանապարհի առջևում, աջ կողմում, օղակաձև մի շրջադարձ կար ու, ծառերի արանքներից նայելով տեսա, թե ինչպես էր ճանապարհը շեշտակի գահավիժում դեպի ներքև։ Այդ ճանապարհով անցնում էին զինվորներ, բեռնատար մեքենաներ, ինչպես նաև լեռնային թնդանոթներ քարշ տվող ջորիներ, ու երբ մենք իջնում էինք ճանապարհի եզրով, հեռվից երևաց գետը, երկաթուղային հին կամուրջը և կողք-կողքի վազող կոճափայտերն ու ռելսերը, իսկ գետից այն կողմ, լեռան ստորոտին՝ փոքր քաղաքի ավերված տները, որ մենք պետք է գրավեինք։
+
Ջորիների քարավանից հետո այլևս ոչինչ չհանդիպեցինք ճանապարհին, անցանք մի բլրից մյուսը, ապա իջանք գետահովիտ։ Ճամփի երկու եզրերին ծառեր էին շարված, և աջակողմյան ծառերի արանքից երևում էր գետը, ջուրը մաքուր էր, արագահոս և ոչ խորը։ Գետը ծանծաղ էր և, նեղլիկ վտակներ կազմած, հոսում էր ավազաշերտերի միջով, իսկ երբեմն, լույսի շողի նման, տարածվում էր ու լցվում գալքարերով ծածկված հունը։ Ափի մոտ տեսա խոր փոսեր, որոնց մեջ ջուրը երկնքի պես կապույտ էր։ Տեսա քարե աղեղնավոր կամուրջներ, դեպի ուր ձղվում էին գլխավոր ճանապարհից ճյուղավորվող արահետները, աեսա գյուղական քարե տներ, որոնց հարավային պատերի երկայնքով մեկ շարված էին տանձենիների աշտանակները, ինչպես նաև քարե ցածրիկ պատեր դաշտերում։ Երկար գնացինք հովտով, հետո շրջվեցինք ու նորից սկսեցինք սար բարձրանալ։ Ճանապարհը կտրուկ բարձրանում էր վեր, շագանակենու անտառի միջով ոլորվում ու պտտվում, վերջապես հավասարվելով լեռնաշարքին։ Անտառի միջից, հեռավոր հովտում, երևում էր արևի տակ փայլփլող գետի սահմանագիծը, որ երկու բանակները բաժանում էր իրարից։ Ահա և ռազմական քարքարոտ նոր ճանապարհը, որն անցնում էր լեռնակատարով, իսկ ես նայում էի հյուսիսի երկու լեռնաշղթաներին, որոնք մինչև ձյան շերտը մուգ էին ու կանաչ, իսկ ավելի վեր, արևի տակ՝ սպիտակ ու պայծառ։ Հետո, երբ ճանապարհը շարունակում էր անընդահատ բարձրանալ, տեսա երրորդ լեռնաշղթան, հավերժական ձյունով ծածկված և տարօրինակ ծալքերով կտրտված բարձրաբերձ լեռներ, որոնք կավճի պես ճերմակ էին։ Ավելի հեռվում էլի լեռներ կային, որոնք, դժվար է ասել, իսկապե՞ս երևում էին, թե ոչ։ Բոլորն էլ ավստրիական լեռներ էին, այդպիսի լեռներ մենք չունեինք։ Ճանապարհի առջևում, աջ կողմում, օղակաձև մի շրջադարձ կար ու, ծառերի արանքներից նայելով տեսա, թե ինչպես էր ճանապարհը շեշտակի գահավիժում դեպի ներքև։ Այդ ճանապարհով անցնում էին զինվորներ, բեռնատար մեքենաներ, ինչպես նաև լեռնային թնդանոթներ քարշ տվող ջորիներ, ու երբ մենք իջնում էինք ճանապարհի եզրով, հեռվից երևաց գետը, երկաթուղային հին կամուրջը և կողք-կողքի վազող կոճափայտերն ու ռելսերը, իսկ գետից այն կողմ, լեռան ստորոտին՝ փոքր քաղաքի ավերված տները, որ մենք պետք է գրավեինք։
  
Համարյա մութ էր, երբ ներքև իջանք ու թեքվեցինք դեպի գետափնյա գլխավոր ճանապարհը։
 
Տող 997. Տող 1042.
 
== Գլուխ 9 ==
 
== Գլուխ 9 ==
  
Ճանապարհը խռնված էր մարդկանցով ու մեքենաներով, երկու կողմերում ձգված էին ճիլոպից ու ծղոտե խսիրից սարքված պահպանակներ, որոնք վերևից ևս ծածկված էին խսիրով, այդպես որ, կարծես կրկես էիր մտնում կամ բնիկների մի գյուղ։ Մենք դանդաղ առաջ էինք գնում խսիրածածկ թունելով և ի վերջո դուրս եկանք մերկ ու ամայի մի տարածություն, որտեղ մի ժամանակ երկաթուղային կայարան էր եղել։ Ճանապարհն այստեղ ավելի ցածր էր գետի մակարդակից, և նրա ամբողջ երկայնքով մեկ, հողաթմբերի մեջ, փորված էին թաքստոցներ, ուր տեղավորվել էր հետևակը։ Արևը մայր էր մտնում, ու հողաթմբերի վրայից երևում էր, թե ինչպես հանդիպակաց ափի լեռներում, մայրամուտի ֆոնի վրա, սևին էին տալիս ավստրիական հետախույզ օդապարիկները։ Մեքենաները թողեցինք աղյուսի գործարանի բակում։ Հնոցներն ու մի քանի խոր փոսեր օգտագործվում էին որպես վիրակապական կայաններ։ Երեք բժիշկ ծանոթ էին ինձ։ Գլխավոր բժիշկն ասաց, որ երբ հարձակումն սկսվի ու մեր մեքենաները բեռնավորվեն վիրավորներով, մենք նրանց կտեղափոխենք քողարկված ճանապարհով, հետո կբարձրանանք դեպի գլխավոր լեռնանցքը, ուր մի պահակետ կա ու մի քանի մեքենա, որ սպասում են նրանց։ Միայն թե խցանում չլինի։ Ուրիշ ճանապարհ չկար։ Ճանապարհը քողարկված էր, որովհետև լավ էր երևում ավստրիական ափից։ Այստեղ, աղյուսի գործարանի բակում, գետափի հողաթմբերը մեզ պաշտպանում էին հրացանի ու թնդանոթի կրակոցներից։ Գետի վրա քանդված մի կամուրջ կար։ Երբ ռմբակոծումն սկսվի, ևս մի կամուրջ կցցեն, ու զորքերի մի մասը գետը կանցնի ոլորանի կողմից, որտեղ ծանծաղ է ջուրը։ Մայորը կարճահասակ էր, դեպի վեր ոլորած բեղերով։ Մասնակցել էր լիբիական պատերազմին, վերքերի համար երկու ուսաթել ուներ։ Նա ասաց, որ եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, ինձ կներկայացնի պարգևատրման։ Ասացի՝ հուսով եմ, որ բարեհաջող կանցնի ու շնորհակալություն հայտնեցի ազնիվ վերարերմունքի համար։ Հարցրի, չկա՞ արդյոք մի մեծ բլինդաժ, որտեղ վարորդները կարող են տեղավորվել։ Նա զինվորներից մեկին կարգադրեց առաջնորդել ինձ։ Գնացի նրա հետ, շուտով գտանք մի շատ հարմարավետ բլինդաժ։
+
Ճանապարհը խռնված էր մարդկանցով ու մեքենաներով, երկու կողմերում ձգված էին ճիլոպից ու ծղոտե խսիրից սարքված պահպանակներ, որոնք վերևից ևս ծածկված էին խսիրով, այդպես որ, կարծես կրկես էիր մտնում կամ բնիկների մի գյուղ։ Մենք դանդաղ առաջ էինք գնում խսիրածածկ թունելով և ի վերջո դուրս եկանք մերկ ու ամայի մի տարածություն, որտեղ մի ժամանակ երկաթուղային կայարան էր եղել։ Ճանապարհն այստեղ ավելի ցածր էր գետի մակարդակից, և նրա ամբողջ երկայնքով մեկ, հողաթմբերի մեջ, փորված էին թաքստոցներ, ուր տեղավորվել էր հետևակը։ Արևը մայր էր մտնում, ու հողաթմբերի վրայից երևում էր, թե ինչպես հանդիպակաց ափի լեռներում, մայրամուտի ֆոնի վրա, սևին էին տալիս ավստրիական հետախույզ օդապարիկները։ Մեքենաները թողեցինք աղյուսի գործարանի բակում։ Հնոցներն ու մի քանի խոր փոսեր օգտագործվում էին որպես վիրակապական կայաններ։ Երեք բժիշկ ծանոթ էին ինձ։ Գլխավոր բժիշկն ասաց, որ երբ հարձակումն սկսվի ու մեր մեքենաները բեռնավորվեն վիրավորներով, մենք նրանց կտեղափոխենք քողարկված ճանապարհով, հետո կբարձրանանք դեպի գլխավոր լեռնանցքը, ուր մի պահակետ կա ու մի քանի մեքենա, որ սպասում են նրանց։ Միայն թե խցանում չլինի։ Ուրիշ ճանապարհ չկար։ Ճանապարհը քողարկված էր, որովհետև լավ էր երևում ավստրիական ափից։ Այստեղ, աղյուսի գործարանի բակում, գետափի հողաթմբերը մեզ պաշտպանում էին հրացանի ու թնդանոթի կրակոցներից։ Գետի վրա քանդված մի կամուրջ կար։ Երբ ռմբակոծումն սկսվի, ևս մի կամուրջ կցցեն, ու զորքերի մի մասը գետը կանցնի ոլորանի կողմից, որտեղ ծանծաղ է ջուրը։ Մայորը կարճահասակ էր, դեպի վեր ոլորած բեղերով։ Մասնակցել էր լիբիական պատերազմին, վերքերի համար երկու ուսաթել ուներ։ Նա ասաց, որ եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, ինձ կներկայացնի պարգևատրման։ Ասացի՝ հուսով եմ, որ բարեհաջող կանցնի ու շնորհակալություն հայտնեցի ազնիվ վերաբերմունքի համար։ Հարցրի, չկա՞ արդյոք մի մեծ բլինդաժ, որտեղ վարորդները կարող են տեղավորվել։ Նա զինվորներից մեկին կարգադրեց առաջնորդել ինձ։ Գնացի նրա հետ, շուտով գտանք մի շատ հարմարավետ բլինդաժ։
  
Վարորդները գոհ մնացին, ու ես մենակ թողեցի նրանց։ Մայորը և ուրիշ երկու սպա ինձ խմելու հրավիրեցին։ Ռոմ խմեցինք, ու շատ մտերիմ մթնոլորտ ստեղծվեց։ Դրսում արդեն մթնում էր։ Հարցրի, թե երբ է սկսելու հարձակումը։ Ասացին՝ հենց որ մթնի։ Վերադարձա վարորդների մոտ։ Բլինդաժում նստած, զրույց էին անում։ Երբ ներս մտա, լռեցին։ Մի֊մի տուփ «Մակեդոնիա» տվեցի յուրաքանչյուրին, թույլ լցված սիգարետներ, որոնցից ծխախոտը թափվում էր, և ձխելուց առաջ հարկավոր էր ձայրերը ոլորել։ Մաներան վառիչը վառեց ու կրակ տվեց բոլորին։ Վառիչը Ֆիատի մարտկոցի տեսք ուներ։ Պատմեցի նրանց այն ամենը, ինչ լսել էի։
 
Ինչս՞ւ գալու ժամանակ պահակետը չտեսաք,— հարցրեց Պասսինին։
+
Ինչո՞ւ գալու ժամանակ պահակետը չտեսաք,— հարցրեց Պասսինին։
  
— Հենց շրջադարձի մոտ էր։
 
— Հենց շրջադարձի մոտ էր։
Տող 1019. Տող 1064.
 
— Ավելի լավ է մնանք։
 
— Ավելի լավ է մնանք։
  
Վերադարձա մայորի բլինդաժը, և նա ասաց, որ դաշտային խոհանոցը շուտուվ տեղ կհասնի, և վարորդները թող գան մի-մի կտոր միս վերցնեն։ Կաթսայիկ էլ կտա, եթե չունեն։ Ասացի, թե որքան գիտեմ՝ ունեն։ Վերադարձա վարորդների մոտ և խոստացա, որ ուտելիքը հենց որ բերեն, իմաց կտամ նրանց։ Մանիերան ասաց, որ լավ կլիներ, եթե ռմբակոծումից առաջ բերեին։ Մինչև դուրս գալս նրանք լուռ էին։ Բոլորն էլ մեխանիկ էին և ատում էին պատերազմը։
+
Վերադարձա մայորի բլինդաժը, և նա ասաց, որ դաշտային խոհանոցը շուտով տեղ կհասնի, և վարորդները թող գան մի-մի կտոր միս վերցնեն։ Կաթսայիկ էլ կտա, եթե չունեն։ Ասացի, թե որքան գիտեմ՝ ունեն։ Վերադարձա վարորդների մոտ և խոստացա, որ ուտելիքը հենց որ բերեն, իմաց կտամ նրանց։ Մանիերան ասաց, որ լավ կլիներ, եթե ռմբակոծումից առաջ բերեին։ Մինչև դուրս գալս նրանք լուռ էին։ Բոլորն էլ մեխանիկ էին և ատում էին պատերազմը։
  
Դուրս եկա մեքենաներն ստուգելու և իմանալու, թե ինչ էր կատարվում շուրջը, ապա վերադարձա բլինդաժ ու նստեցի չորս վարորդների մոտ։ Նստել էինք հատակին և, պատին թիկնած, ծխում, էինք։ Դրսում գրեթե մութ էր։ Բլինդաժում գետինը տաք էր ու չոր, ու ես ուսերս հենեցի պատին, նստեցի գոտկատեղիս վրա ու թուլացրի մկաններս։
+
Դուրս եկա մեքենաներն ստուգելու և իմանալու, թե ինչ էր կատարվում շուրջը, ապա վերադարձա բլինդաժ ու նստեցի չորս վարորդների մոտ։ Նստել էինք հատակին և, պատին թիկնած, ծխում էինք։ Դրսում գրեթե մութ էր։ Բլինդաժում գետինը տաք էր ու չոր, ու ես ուսերս հենեցի պատին, նստեցի գոտկատեղիս վրա ու թուլացրի մկաններս։
  
— Ովքե՞ր են հարձակման անցնելու,— հարցրեց Գավուցին։
 
Տող 1045. Տող 1090.
 
— Քաջ են ու կարգապահ,— ասացի ես։
 
— Քաջ են ու կարգապահ,— ասացի ես։
  
Աոոդջ են և լայնաթիկունք։ Բայց, մեկ է, հիմար են։
+
Առողջ են և լայնաթիկունք։ Բայց, մեկ է, հիմար են։
  
— Իսկ ռմբաձիգները բարձրահասակ են,— ասաց Մանիերան։
 
Տող 1057. Տող 1102.
 
— Ճիշտ եմ ասում։ Շարք կանգնեցրին ու յուրաքանչյուր տասներորդին դուրս հանեցին։ Կարաբինավորները գնդակահարեցին նրանց։
 
— Կարաբինավորները,— ասաց Պասսինին ու թքեց գետնին,— իսկ ռմբաձիգները․․․Վեց ոտնաչափ բոյ ունեն։ Եվ հրաժարվել են կռվել։
+
— Կարաբինավորները,— ասաց Պասսինին ու թքեց գետնին,— իսկ ռմբաձիգները․․․ Վեց ոտնաչափ բոյ ունեն։ Եվ հրաժարվել են կռվել։
  
— Եթե բոլորն էլ հրաժարվեն, պատերազմը կվերջանա,— ասաց Մաներան։
 
Տող 1071. Տող 1116.
 
— Նրանց շարք չկանգնեցրին, երբ գնդակահարում էին յուրաքանչյուր տասից մեկին։
 
— Գնդակահարվողներից մեկն իմ հայրենակիցն էր,— ասաg Պասսինին։— Խոշոր, գեղեցիկ, բարձրահասակ, իսկական ռմբաձիգ։ Միշտ Հռոմում էր։ Միշտ աղջիկների հետ։ Միշտ կարաբինավորների հետ։— Նա ծիծաղեց։— Հիմա նրա տան առաջ սվինով ժամապահ է կանգնած, ոչ ոք չի կարող այցելել հորն ու մորը, քույրերին, հայրը զրկված է քաղաքացիական իրավունքներից, նույնիսկ քվեարկելու իրավունքից։ Օրենքն այլևս չի պաշտպանում այդպիսիներին։ Ում խելքին փչի, կարող է թալանել նրանց։
+
— Գնդակահարվողներից մեկն իմ հայրենակիցն էր,— ասաց Պասսինին։— Խոշոր, գեղեցիկ, բարձրահասակ, իսկական ռմբաձիգ։ Միշտ Հռոմում էր։ Միշտ աղջիկների հետ։ Միշտ կարաբինավորների հետ։— Նա ծիծաղեց։— Հիմա նրա տան առաջ սվինով ժամապահ է կանգնած, ոչ ոք չի կարող այցելել հորն ու մորը, քույրերին, հայրը զրկված է քաղաքացիական իրավունքներից, նույնիսկ քվեարկելու իրավունքից։ Օրենքն այլևս չի պաշտպանում այդպիսիներին։ Ում խելքին փչի, կարող է թալանել նրանց։
  
— Եթե ընտանիքի վախը չլիներ, ոչ ոք էլ չէր կռվի։
 
Տող 1079. Տող 1124.
 
— Բայց ախր բերսալյերներն էլ փախան։ Հիմա մոռանալ են ձևանում։
 
— Դուք իզուրր եք նման խոսակցություններ թույլ տալիս, tenente։ Evviva l'esereito,― հեգնեց Պասսինին։
+
— Դուք իզուր եք նման խոսակցություններ թույլ տալիս, tenente։ Evviva l'esereito,― հեգնեց Պասսինին։
  
— Այսպիսի խոսքեր շատ եմ լսել,— ասացի ես։— Բայց քանի դեռ ղեկին եք նստած և գործ եք անում․․․
 
Տող 1107. Տող 1152.
 
— Դուք պարզապես չգիտեք, թե ինչ բան է պարտությունը, դրա համար էլ կարծում եք, որ դա այնքան էլ վատ չէ։
 
Tenante,― ասաց Պասսինին,— ինչքան հասկացա, դուք թույլ եք տալիս խոսելու։ Դե հիմա լսեք։ Պատերազմից վատ բան չկա։ Սանիտարական ջոկատում մենք չենք էլ կարող հասկանալ, թե դա ինչ ահավոր բան է։ Իսկ եթե մարդիկ հասկանան, էլ չեն կարողանա աոաջն առնել, որովհետև կխելագարվեն։ Շատերը չեն էլ հասկանա։ Շատերը վախենում են իրենց սպաներից։ Հենց այդպիսի մարդկանցով են պատերազմ վարում։
+
Tenente,― ասաց Պասսինին,— ինչքան հասկացա, դուք թույլ եք տալիս խոսելու։ Դե հիմա լսեք։ Պատերազմից վատ բան չկա։ Սանիտարական ջոկատում մենք չենք էլ կարող հասկանալ, թե դա ինչ ահավոր բան է։ Իսկ եթե մարդիկ հասկանան, էլ չեն կարողանա աոաջն առնել, որովհետև կխելագարվեն։ Շատերը չեն էլ հասկանա։ Շատերը վախենում են իրենց սպաներից։ Հենց այդպիսի մարդկանցով են պատերազմ վարում։
  
— Գիտեմ, որ պատերազմը ահավոր բան է, բայց պետք է ավարտին հասցնել։
 
— Ավարտ չունի։ Պատերազմը վերջ չունիԼ
+
— Ավարտ չունի։ Պատերազմը վերջ չունի։
  
— Ունի։
 
— Ունի։
Տող 1117. Տող 1162.
 
Պասսինին բացասաբար շարժեց գլուխը։
 
Պասսինին բացասաբար շարժեց գլուխը։
  
— Պատերազմը հաղթանակով չեն շահում։ Ասենք թե Սան Գաբրիելեն վերցրինք։ Ասենք, վերցրինք Կարսոն, Մոնֆալկոնեն, Տբիեստը։ Հետո՞։ Այսօր ամենքդ էլ տեսա՞ք այս հեռավոր լեռները։ Չլինի՞ կարծում եք, որ բոլորն էլ կարող ենք վերցնել։ Միայն այն դեպքում՝ եթե ավստրիացիները դադարեն կռվել։ Կողմերից մեկը պետք է դադարի։ Ինչո՞ւ հեցը մենք չենք դադարում։ Եթե նրանք Իտալիա հասնեն, կհոգնեն ոլ կհեռանան։ Նրանք հայրենիք ունեն։ Բայց ո՜նց կլինի, պիտի կռվեն, չէ՞։
+
— Պատերազմը հաղթանակով չեն շահում։ Ասենք թե Սան Գաբրիելեն վերցրինք։ Ասենք, վերցրինք Կարսոն, Մոնֆալկոնեն, Տրիեստը։ Հետո՞։ Այսօր ամենքդ էլ տեսա՞ք այս հեռավոր լեռները։ Չլինի՞ կարծում եք, որ բոլորն էլ կարող ենք վերցնել։ Միայն այն դեպքում՝ եթե ավստրիացիները դադարեն կռվել։ Կողմերից մեկը պետք է դադարի։ Ինչո՞ւ հենց մենք չենք դադարում։ Եթե նրանք Իտալիա հասնեն, կհոգնեն ու կհեռանան։ Նրանք հայրենիք ունեն։ Բայց ո՜նց կլինի, պիտի կռվեն, չէ՞։
  
— Դուք իսկական հռետոր եք։
 
— Դուք իսկական հռետոր եք։
Տող 1145. Տող 1190.
 
— Եթե ուզում եք, ինձ հետևեք,― պատասխանեցի ես։— Տեսնենք ի՞նչ են ասում։
 
Դրսում արդեն մութ էր, և լուսարձակների երկար ճառագայթներն ընկել էին լեռների վրա։ Մեր ռազմաճակատում խոշոր լուսարձակներ էին դնում բեռնատար ավտոմեքենաների վրա ու, երբեմն, գիշերը դիրքերի կողքով անցնելիս, կարելի էր տեսնել ճանապարհից մի կողմ քաշված ինչ-որ բեռնատար, լույսը կարգավորող մի սպայի և վախեցած զինվորների։ Մենք անցանք աղյուսի գործարանի բակով ու կանգ առանք վիրակապական գլխավոր կայանի մոտ։ Մուտքը ծածկված էր կանաչ ճյուղերով, ու գիշերվա խավարի մեջ քամին խշխշացնում էր արևից խանձված տերևները։ Ներսում լույս կար։ Մայորը նստել էր արկղի վրա ու խոսում էր հեռախոսով։ Բժիշկներից մեկն ինձ ասաց, որ հարձակումը մեկ Ժամով հետաձգվել է։ Նա ինձ կոնյակ առաջարկեց։ Նայեցի ճաշասեղաններին, լույսի տակ փայլփլող վիրաբուժական գործիքներին, կոնքերին ու հարմարեցված խցաններով շշերին։ Գորդինին կանգնել էր իմ ետևում։ Մայորը հեռացավ հեռախոսից։
+
Դրսում արդեն մութ էր, և լուսարձակների երկար ճառագայթներն ընկել էին լեռների վրա։ Մեր ռազմաճակատում խոշոր լուսարձակներ էին դնում բեռնատար ավտոմեքենաների վրա ու, երբեմն, գիշերը դիրքերի կողքով անցնելիս, կարելի էր տեսնել ճանապարհից մի կողմ քաշված ինչ-որ բեռնատար, լույսը կարգավորող մի սպայի և վախեցած զինվորների։ Մենք անցանք աղյուսի գործարանի բակով ու կանգ առանք վիրակապական գլխավոր կայանի մոտ։ Մուտքը ծածկված էր կանաչ ճյուղերով, ու գիշերվա խավարի մեջ քամին խշխշացնում էր արևից խանձված տերևները։ Ներսում լույս կար։ Մայորը նստել էր արկղի վրա ու խոսում էր հեռախոսով։ Բժիշկներից մեկն ինձ ասաց, որ հարձակումը մեկ ժամով հետաձգվել է։ Նա ինձ կոնյակ առաջարկեց։ Նայեցի ճաշասեղաններին, լույսի տակ փայլփլող վիրաբուժական գործիքներին, կոնքերին ու հարմարեցված խցաններով շշերին։ Գորդինին կանգնել էր իմ ետևում։ Մայորը հեռացավ հեռախոսից։
  
— Հիմա է սկսվելու,— ասաց նա։— Որոշեցին չհետաձգել։
 
Տող 1167. Տող 1212.
 
— Ինչ կարող եք, տվեք։
 
— Ինչ կարող եք, տվեք։
  
Մայորն ինչ-որ բան ասաց սանիտարներից մեկին, որը գնաց դեպի սրահի խորքը և քիչ անց մետաղյա ամանով սառը մակարոն՝ բերեց։ Ամանր տվեցի Գորդինիին։
+
Մայորն ինչ-որ բան ասաց սանիտարներից մեկին, որը գնաց դեպի սրահի խորքը և քիչ անց մետաղյա ամանով սառը մակարոն՝ բերեց։ Ամանը տվեցի Գորդինիին։
  
— Պանիր չունե՞ք։
 
— Պանիր չունե՞ք։
Տող 1179. Տող 1224.
 
Դրսում երկու սանիտարներ ինչ-որ բան դրեցին մուտքի առաջ։ Նրանցից մեկը ներս նայեց։
 
— Այստեղ բերեք,— ասաց մայորը։― Ինչ եք կանգնել։ Ուզում եք, որ ին քնե՞րս բերենք։
+
— Այստեղ բերեք,— ասաց մայորը։― Ինչ եք կանգնել։ Ուզում եք, որ ինքնե՞րս բերենք։
  
Սանիտարները բռնեցին վիրավորի թևերից ու ոտքերից և ներս բերեցին։
 
Տող 1215. Տող 1260.
 
― Ոչ,— ասացի ես։— Դրեք հատակին։ Միասին կուտենք։
 
Պաաառաքաղ չկա։
+
Պատառաքաղ չկա։
  
— Գլուխը քարը,— ասացի անգլերեն։
 
— Գլուխը քարը,— ասացի անգլերեն։
Տող 1229. Տող 1274.
 
Ձեռքս բարձրացրի մինչև ուսս, և մակարոնի մեծ մասը թափվեց։ Դրեցի բերանս, շրթունքներով մինչև վերջ ներս քաշեցի ու ծամեցի, հետո մի կտոր պանիր վերցրի, ծամեցի, հետո էլ գինի խմեցի։ Գինուց ժանգոտ համ էր գալիս։ Տափաշիշը մեկնեցի Պասսինիին։
 
— Զզվելի է,— ասաց նա։— Երկար է մնացել շշի մեշ։ Մեքենայում էի պահել։
+
— Զզվելի է,— ասաց նա։— Երկար է մնացել շշի մեջ։ Մեքենայում էի պահել։
  
Բոլորն էլ, ծնոտները պնակին մոտեցրած, գլուխները ետ գցած, ուտում էին մակարոնը և շրթունքներով ներս քաշում ծայրերը։ Ես մի անգամ էլ վերցրի մատներով, մի կտոր պանիր կերա ու գինի խմեցի։ Դրսում ինչ֊որ բան դրմփաց ու ցնցեց գետինը։
 
Տող 1247. Տող 1292.
 
— Այո, սըր։
 
— Այո, սըր։
  
Կերա պանրի մնացորդը և մի ումպ գինի խմեցի։ Աղմուկի մեջ լսեցի հազի ձայն, հետո՝ չուհ֊չուհ֊չուհ, չուհ, հետո՝ փայլակ, կարծես դոմնայի դուռն էր հանկարծ բացվել, հետոհ մռնչյուն, նախ՝ սպիտակ, ապա, սրընթաց մրրիկի մեջ՝ կարմիր, կարմիր, կարմիր։ Փորձեցի շնչել, բայց շունչ չկար և զգացի, որ պոկվել կամ ինքս ինձնից, պոկվել, պոկվել, պոկվել և անընդհատ թռչում եմ մրրիկի մեջ։ Արագ էի թռչում, իմ ամբողջությունն էր թռչում, գիտեր, որ մեռած եմ և որ իզուր են կարծում, թե պարզապես մեռնում են և ուրիշ ոչինչ։ Հետո լողացի օդում ու, փոխանակ առաջ շարժվելու, սկսեցի ետ սահել։ Շունչ քաշեցի ու զգացի, որ վերադարձել եմ դեպի իմ մարմինը։ Հողը տակնուվրա էր եղել ու հենց գլխիս մոտ քայքայված մի գերան էր ընկած։ Գլուխս ցնցվեց, ու հանկարծ լացի ձայն լսեցի։ Կարծես ինչ-որ մեկը գոռաց։ Փորձեցի շարժվել, բայց չկարողացա։ Գետից այն կողմ և գետի ամբողջ երկայնքով մեկ կրակում էին գնդացիրներն ու հրացանները։ Ուժեղ ժայթքում լսվեց, ու տեսա, թե ինպես սրընթաց բարձրացան լուսավորող ռումբերը, պայթեցին և ամեն ինչ հեղեղեցին սուտակով, և հրրթիռները թռան, և ականները որոտացին, և այս բոլորը մի ակնթարթում, հետո լսեցի, ինչպես կողքիս ինչ-որ մեկը մրմնջաց․ «Mamma mia! O, mamma mia!»։ Ես ձգվեցի ու գալարվեցի, ի վերջո ազատեցի ոտքս, շրջվեցի ու ձեռք տվի նրան։ Պասսինին էր, ու երբ նրան ձեռք տվի, նա գոռաց։ Պառկել էր հակառակ ուղղությամբ, ոտքերը դեպի ինձ, և ես խավարի ու լույսի մեջ տեսա, որ ծնկներից վեր նրա ոտքերը ջախջախված էին։ Մի ոտքը լրիվ կտրված էր, իսկ մյուսը կախվել էր ջլերից ու տաբատի ցնցոտիներից և ջղաձգորեն ցնցվում էր, կարծես ոչ մի կապ չուներ մարմնի հետ։ Նա կծեց ձեռքը ու տնքաց, «O, mamma mia, mamma mia», հետո՝ «Dio ti salvi, Maria․ Dio ti salvi, Maria» Օ, Հիսուս, հոգիս առ, Քրիստոս, հոգիս առ, Քրիստոս, հոգիս առ, mamma mia, mamma mia։ Օ, ամենասուրբ Մարիամ, հոգիս առ։ Էլ չեմ կարող։ Չեմ կարող։ Չեմ կարող։ Օ, Հիսուս, սուրբ Աստվածամայր, չեմ կարող։ Օ-օ-օ-օ», հետո՝ շնչահեղձ․ «Mamma, mamma mia»։ Հետո լռեց, կծեց ձեռքը, իսկ ոտքը դեռ ցնցվում էր։
+
Կերա պանրի մնացորդը և մի ումպ գինի խմեցի։ Աղմուկի մեջ լսեցի հազի ձայն, հետո՝ չուհ֊չուհ֊չուհ, չուհ, հետո՝ փայլակ, կարծես դոմնայի դուռն էր հանկարծ բացվել, հետո՝ մռնչյուն, նախ՝ սպիտակ, ապա, սրընթաց մրրիկի մեջ՝ կարմիր, կարմիր, կարմիր։ Փորձեցի շնչել, բայց շունչ չկար և զգացի, որ պոկվել կամ ինքս ինձնից, պոկվել, պոկվել, պոկվել և անընդհատ թռչում եմ մրրիկի մեջ։ Արագ էի թռչում, իմ ամբողջությունն էր թռչում, գիտեր, որ մեռած եմ և որ իզուր են կարծում, թե պարզապես մեռնում են և ուրիշ ոչինչ։ Հետո լողացի օդում ու, փոխանակ առաջ շարժվելու, սկսեցի ետ սահել։ Շունչ քաշեցի ու զգացի, որ վերադարձել եմ դեպի իմ մարմինը։ Հողը տակնուվրա էր եղել ու հենց գլխիս մոտ քայքայված մի գերան էր ընկած։ Գլուխս ցնցվեց, ու հանկարծ լացի ձայն լսեցի։ Կարծես ինչ-որ մեկը գոռաց։ Փորձեցի շարժվել, բայց չկարողացա։ Գետից այն կողմ և գետի ամբողջ երկայնքով մեկ կրակում էին գնդացիրներն ու հրացանները։ Ուժեղ ժայթքում լսվեց, ու տեսա, թե ինպես սրընթաց բարձրացան լուսավորող ռումբերը, պայթեցին և ամեն ինչ հեղեղեցին սուտակով, և հրթիռները թռան, և ականները որոտացին, և այս բոլորը մի ակնթարթում, հետո լսեցի, ինչպես կողքիս ինչ-որ մեկը մրմնջաց․ «Mamma mia! O, mamma mia!»։ Ես ձգվեցի ու գալարվեցի, ի վերջո ազատեցի ոտքս, շրջվեցի ու ձեռք տվի նրան։ Պասսինին էր, ու երբ նրան ձեռք տվի, նա գոռաց։ Պառկել էր հակառակ ուղղությամբ, ոտքերը դեպի ինձ, և ես խավարի ու լույսի մեջ տեսա, որ ծնկներից վեր նրա ոտքերը ջախջախված էին։ Մի ոտքը լրիվ կտրված էր, իսկ մյուսը կախվել էր ջլերից ու տաբատի ցնցոտիներից և ջղաձգորեն ցնցվում էր, կարծես ոչ մի կապ չուներ մարմնի հետ։ Նա կծեց ձեռքը ու տնքաց, «O, mamma mia, mamma mia», հետո՝ «Dio ti salvi, Maria․ Dio ti salvi, Maria» Օ, Հիսուս, հոգիս առ, Քրիստոս, հոգիս առ, Քրիստոս, հոգիս առ, mamma mia, mamma mia։ Օ, ամենասուրբ Մարիամ, հոգիս առ։ Էլ չեմ կարող։ Չեմ կարող։ Չեմ կարող։ Օ, Հիսուս, սուրբ Աստվածամայր, չեմ կարող։ Օ-օ-օ-օ», հետո՝ շնչահեղձ․ «Mamma, mamma mia»։ Հետո լռեց, կծեց ձեռքը, իսկ ոտքը դեռ ցնցվում էր։
  
— Porta feriti!,— գոռացի ես, ափերս շրթունքներիս տանելով,— porta feriti!
 
Փորձեցի սողալով մոտենալ Պասսինիին, որպեսզի տուրնիկետ դնեմ ոտքերին, բայց չկարողացա։ Նորից փորձեցի, և այս անգամ ոտքերս մի փոքր շարժվեցին։ Հիմա արդեն կարող էի արմունկների օգնությամբ առաջ գնալ։ Պասսինին լռել էր։ Նստեցի կողքին, քանգեցի բաճկոնիս կոճակներն ու աշխատեցի պատռել շապիկիս ծայրը։ Չկարողացա և, ստիպված, ատամներով պատռեցի։ Հետո հիշհցի փաթաթանների մասին։ Ես բրդյա գուլպա էի հագնում, իսկ նա՝ փաթաթան։ Բոլոր վարորդներն էլ փաթաթան են հագնում։ Բայց Պասսինին միայն մի ոտք ուներ։ Սկսեցի քանդել փաթաթանը, բայց հանկարծ զգացի, որ տուրնիկետ դնելն այլևս իմաստ չուներ, որովհետև նա մեռած էր արդեն։ Մի անգամ էլ նայեցի ու համոզվեցի, որ մեռած էր։ Հարկավոր էր պարզել, թե որտեղ էին մյուս երեքը։ Ուղղեցի մարմինս և հենց այդ ժամանակ ինչ֊որ բան, տիկնիկի աչքերի ծանրաքարերի պես, շարժվեց գլխիս մեջ և ներսից խփեց ակնագնդերիս։ Ոտքերիս վրա ինչոր տաք և թաց բան զգացի, կոշիկներս նույնպես տաք էին ու թաց։ Հասկացա, որ վիրավորված եմ, կռացա և ձեռքս դրի ծնկիս։ Ծունկ չկար։ Ձեռքս առաջ տարա և սրունքոսկրից ցած գտա ծունկս։ Ափերս քսեցի շապիկիս և ինչ֊որ տեղից, դարձյալ դանդաղորեն, սպիտակ լույս սփռվեց շուրջս, նայեցի ոտքերիս ու սարսափ զգացի։ «Օ՜, աստված,— ասացի ես,— ազատիր ինձ այստեղից։ Բայց և այնպես գիտեի, որ էլի երեք հոգի կային։ Չորս վարորդներ էին։ Պասսինին մեռած էր։ Մնացել էին երեքը։ Ինչ֊որ մեկը բռնեց իմ թևերից, իսկ մեկը ուրիշը՝ ոտքերիցս։
+
Փորձեցի սողալով մոտենալ Պասսինիին, որպեսզի տուրնիկետ դնեմ ոտքերին, բայց չկարողացա։ Նորից փորձեցի, և այս անգամ ոտքերս մի փոքր շարժվեցին։ Հիմա արդեն կարող էի արմունկների օգնությամբ առաջ գնալ։ Պասսինին լռել էր։ Նստեցի կողքին, քանդեցի բաճկոնիս կոճակներն ու աշխատեցի պատռել շապիկիս ծայրը։ Չկարողացա և, ստիպված, ատամներով պատռեցի։ Հետո հիշեցի փաթաթանների մասին։ Ես բրդյա գուլպա էի հագնում, իսկ նա՝ փաթաթան։ Բոլոր վարորդներն էլ փաթաթան են հագնում։ Բայց Պասսինին միայն մի ոտք ուներ։ Սկսեցի քանդել փաթաթանը, բայց հանկարծ զգացի, որ տուրնիկետ դնելն այլևս իմաստ չուներ, որովհետև նա մեռած էր արդեն։ Մի անգամ էլ նայեցի ու համոզվեցի, որ մեռած էր։ Հարկավոր էր պարզել, թե որտեղ էին մյուս երեքը։ Ուղղեցի մարմինս և հենց այդ ժամանակ ինչ֊որ բան, տիկնիկի աչքերի ծանրաքարերի պես, շարժվեց գլխիս մեջ և ներսից խփեց ակնագնդերիս։ Ոտքերիս վրա ինչոր տաք և թաց բան զգացի, կոշիկներս նույնպես տաք էին ու թաց։ Հասկացա, որ վիրավորված եմ, կռացա և ձեռքս դրի ծնկիս։ Ծունկ չկար։ Ձեռքս առաջ տարա և սրունքոսկրից ցած գտա ծունկս։ Ափերս քսեցի շապիկիս և ինչ֊որ տեղից, դարձյալ դանդաղորեն, սպիտակ լույս սփռվեց շուրջս, նայեցի ոտքերիս ու սարսափ զգացի։ «Օ՜, աստված,— ասացի ես,— ազատիր ինձ այստեղից։ Բայց և այնպես գիտեի, որ էլի երեք հոգի կային։ Չորս վարորդներ էին։ Պասսինին մեռած էր։ Մնացել էին երեքը։ Ինչ֊որ մեկը բռնեց իմ թևերից, իսկ մեկը ուրիշը՝ ոտքերիցս։
  
— Երեք հոգի էլ կան,— ասացի ես։— Մեկը մեռած է։
 
Տող 1291. Տող 1336.
 
— Ներեցեք, tenente,— ասաց Մանիերան։— Էլ չենք գցի։
 
Վիրակապական կայանի բակում, խավարի մեջ, պառկած էին բազում վիրավորներ։ Ներս ու դուրս էին տանում նրանց։ Երբ կայանի վարագույրը բացվում ու որևէ մեկին ներս էին տանում կամ դուրս բերում, մի պահ այնտեղից լույս էր երևում, հետո նորից կորչում։ Մեռածներին մի կողմ էին տարել։ Բժիշկներն աշխատում էին թևերը մինչև ուսերը քշտած և կարմրել էին մսագործի պես։ Պատգարակները քիչ էին։ Վիրավորներից ոմանք տնքում էին, բայց մեծ մասամբ լուռ պառկել էին։ Քամին շարժում էր կայանի մուտքը ծածկող ճյուղերի տերևները։ Սկսում էր ցրտել։ Սանիտարներն անընդհատ գալիս էին, պատգարակները գետնին դնում, դատարկում ու նորից գնում։ Հենց որ վիրակապական կայան հասանք, Մանիերան բուժակ բերեց, և նա կապեց ոտքերս։ Ասաց, որ արյան կորուստն աննշան է, որովհետև վերքի մեջ մեծ քանակությամբ կեղտ է հավաքվել։ Հենց որ հնարավոր լինի, ինձ կտանեն վիրահատման։ Նա վերադարձավ կայան։ Մանիերան ասաց։ որ Գորդինին չի կարող քշել։ Ուսն էր ճզմվել, և գլուխն էր վիրավորվել։ Սկզբում ցավ չէր զգացել, բայց հիմա ուսը բթացել էր։ Նա նստել էր աղյուսե պատի վրա։ Մանիերան և Գավուցին մեքենաները լցրին վիրավորներով ու գնացին։ Վերքերը չէին խանգարում նրանց։ Անգլիական երեք ավտոմեքենա եկավ, յուրաքանչյուրի մեջ՝ երկուական սանիտար։ Վարորդներից մեկը մոտեցավ ինձ։ Նրան բերեց Գորդինին, որը շատ դժգույն էր և հիվանդ տեսք ուներ։ Անգլիացի վարորդը կռացավ ինձ վրա։
+
Վիրակապական կայանի բակում, խավարի մեջ, պառկած էին բազում վիրավորներ։ Ներս ու դուրս էին տանում նրանց։ Երբ կայանի վարագույրը բացվում ու որևէ մեկին ներս էին տանում կամ դուրս բերում, մի պահ այնտեղից լույս էր երևում, հետո նորից կորչում։ Մեռածներին մի կողմ էին տարել։ Բժիշկներն աշխատում էին թևերը մինչև ուսերը քշտած և կարմրել էին մսագործի պես։ Պատգարակները քիչ էին։ Վիրավորներից ոմանք տնքում էին, բայց մեծ մասամբ լուռ պառկել էին։ Քամին շարժում էր կայանի մուտքը ծածկող ճյուղերի տերևները։ Սկսում էր ցրտել։ Սանիտարներն անընդհատ գալիս էին, պատգարակները գետնին դնում, դատարկում ու նորից գնում։ Հենց որ վիրակապական կայան հասանք, Մանիերան բուժակ բերեց, և նա կապեց ոտքերս։ Ասաց, որ արյան կորուստն աննշան է, որովհետև վերքի մեջ մեծ քանակությամբ կեղտ է հավաքվել։ Հենց որ հնարավոր լինի, ինձ կտանեն վիրահատման։ Նա վերադարձավ կայան։ Մանիերան ասաց, որ Գորդինին չի կարող քշել։ Ուսն էր ճզմվել, և գլուխն էր վիրավորվել։ Սկզբում ցավ չէր զգացել, բայց հիմա ուսը բթացել էր։ Նա նստել էր աղյուսե պատի վրա։ Մանիերան և Գավուցին մեքենաները լցրին վիրավորներով ու գնացին։ Վերքերը չէին խանգարում նրանց։ Անգլիական երեք ավտոմեքենա եկավ, յուրաքանչյուրի մեջ՝ երկուական սանիտար։ Վարորդներից մեկը մոտեցավ ինձ։ Նրան բերեց Գորդինին, որը շատ դժգույն էր և հիվանդ տեսք ուներ։ Անգլիացի վարորդը կռացավ ինձ վրա։
  
— Ծա՞նր եք վիրավորված,― հարցրեց նա։ Բարձրահասակ էր, դրել էր պողպատե ակնոց։
 
Տող 1323. Տող 1368.
 
— Այո, անգլիացի։ Կարծում էիք իտալացի՞ եմ։ Մեր ջոկատներից մեկում իտալացիներ կան։
 
― Շատ լավ կլինի, եթե վերցնեք մեքենաները, —ասացի ես։
+
― Շատ լավ կլինի, եթե վերցնեք մեքենաները,— ասացի ես։
  
— Անհոգ եղեք, լավ կպահենք,— նա ուղղվեց։— Ձեր վարորդը շատ խնդրեց, որ համոզեմ ձեզ։
 
Տող 1339. Տող 1384.
 
— Լավ եմ, ոչինչ։
 
— Լավ եմ, ոչինչ։
  
Նստեց կողքիս։ Մի պահ կայանի մուտքի ծածկույթը նորից բացվեց, դուրս եկան երկու սանիտարներ, իսկ նրանք ետևից՝ բարձրահասակ անգլիաքին։ Նա ինձ մոտ բերեց նրանց։
+
Նստեց կողքիս։ Մի պահ կայանի մուտքի ծածկույթը նորից բացվեց, դուրս եկան երկու սանիտարներ, իսկ նրանք ետևից՝ բարձրահասակ անգլիացին։ Նա ինձ մոտ բերեց նրանց։
  
— Սա է ամերիկացի tenente-ն,— իտալերեն ասաց նա։
 
Տող 1347. Տող 1392.
 
— Դե լավ, լավ,— ասաց նա։— Պետք չի հերոս ձևանալ։— Հետո՝ իտալերեն,— ոտքերն զգույշ բարձրացրեք, շատ են ցավում։ Նախագահ Ուիլսոնի օրինավոր զավակն է։
 
Նրանք ինձ բարձրացրին ու աարան վիրակապական կայան։ Բոլոր սեղանների վրա վիրահատում էին։ Փոքրամարմին գլխավոր բժիշկը զայրույթով մեզ նայեց։ Հետո ճանաչեց ինձ և, վիրաբուժական ունելին շարժելով, ողջունեց։
+
Նրանք ինձ բարձրացրին ու տարան վիրակապական կայան։ Բոլոր սեղանների վրա վիրահատում էին։ Փոքրամարմին գլխավոր բժիշկը զայրույթով մեզ նայեց։ Հետո ճանաչեց ինձ և, վիրաբուժական ունելին շարժելով, ողջունեց։
  
— Ça va bien?
 
— Ça va bien?
Տող 1389. Տող 1434.
 
— Սարսափելի։
 
— Սարսափելի։
  
— Այդ դեպքում ավելի լավ է քիչ խմել։ Եթե ճեղքվա&amp;ք կա, ուրեմն բորբոքում կսկսվի։ Այ, օրինակ այստեղ, ցավո՞ւմ է։
+
— Այդ դեպքում ավելի լավ է քիչ խմել։ Եթե ճեղքվածք կա, ուրեմն բորբոքում կսկսվի։ Այ, օրինակ այստեղ, ցավո՞ւմ է։
  
Ամբողջ մարմինս քրտինքով ծածկվեց։
 
Ամբողջ մարմինս քրտինքով ծածկվեց։
Տող 1397. Տող 1442.
 
— Չէ, ուրեմն ճեղքվածք կա։ Ես հիմա կկապեմ, բայց դուք մի շարժեք գլուխը։
 
Սկսեց կապել։ Ձեռքերը գործում էին շատ արագ, և վիրակապն հեազհետե դառնում էր կիպ և ամուր։
+
Սկսեց կապել։ Ձեռքերը գործում էին շատ արագ, և վիրակապն հետզհետե դառնում էր կիպ և ամուր։
  
— Պրծանք։ Բարի ճանապարհ և viva la France։
 
Տող 1403. Տող 1448.
 
— Նա ամերիկացի է,— ասաց մի ուրիշ բժիշկ։
 
— Նա ամերիկացի է,— ասաց մի ուրիշ բժիշկ։
  
— Իսկ ինձ թվաց, թե ֆրանսիացի է։ Ֆրանսերեն է խոսում,— ասաց բժիշկը։— ես առաջ էլ ճանաչում էի նրան։ Միշտ էլ կարծել էի, թե ֆրանսիացի է։— Կես բաժակ կոնյակ խմեց։— Իսկ հիմա ավելի ծանր վիրավորի բերեք։ Եվ էլի հակակարկամախտային շիճուկ։
+
— Իսկ ինձ թվաց, թե ֆրանսիացի է։ Ֆրանսերեն է խոսում,— ասաց բժիշկը։— Ես առաջ էլ ճանաչում էի նրան։ Միշտ էլ կարծել էի, թե ֆրանսիացի է։— Կես բաժակ կոնյակ խմեց։— Իսկ հիմա ավելի ծանր վիրավորի բերեք։ Եվ էլի հակակարկամախտային շիճուկ։
  
Նա ձեռքով արեց։ Ինձ բարձրացրին ու տարան։ Դուրս գալու ժամանակ ծածկույթը քսվեց դեմքիս։ Բժշկի օգնականը ծնկի եկավ իմ կողքին։
 
— Ազգանո՞ւնը,— հարցրեց նա ցածրաձայն ։— Անո՞ւնը։ Տարիքը։ Աստիճա՞նը։ Ծննդավա՞յրը, Ո՞ր զորամասից եք։ Ո՞ր կորպուսից,— և այլն։— Ցավում եմ, որ այդպիսի բան պատահեց, tenente։ Հուսով եմ, որ հիմա ավելի լավ եք։ Ես անգլիական սանիտարական մեքենայով կուղարկեմ ձեզ։
+
— Ազգանո՞ւնը,— հարցրեց նա ցածրաձայն ։— Անո՞ւնը։ Տարիքը։ Աստիճա՞նը։ Ծննդավա՞յրը։ Ո՞ր զորամասից եք։ Ո՞ր կորպուսից,— և այլն։— Ցավում եմ, որ այդպիսի բան պատահեց, tenente։ Հուսով եմ, որ հիմա ավելի լավ եք։ Ես անգլիական սանիտարական մեքենայով կուղարկեմ ձեզ։
  
— Լավ եմ, շնորհակալություն,— ասացի ես։
 
— Լավ եմ, շնորհակալություն,— ասացի ես։
  
8ավը, որի մասին խոսել էր բժիշկը, արդեն սկսվեց, և այն ամենն, ինչ հիմա կատարվում էր շուրջս, կորցրել էր իր իմաստն ու նշանակությունը։ Քիչ անց եկավ անգլիական սանիտարական մեքենան, ինձ դրեցին պատգարակի վրա, հետո բարձրացրին մինչև թափքը և ներս հրեցին։ Կողքիս մի ուրիշ պատգարակ կար, որի վրա մի մարդ էր պառկած, ամբողջ դեմքը վիրակապված էր, միայն մոմանման քիթն էր երևում վիրակապերի արանքից։ Ծանր էր շնչում։ Էլի մի քանի պատգարակ բարձրացրին ու դրեցին ձգափոկերի վրա։ Անգլիացի բարձրահասակ վարորդը մոտեցավ թափքին ու ներս նայեց։
+
Ցավը, որի մասին խոսել էր բժիշկը, արդեն սկսվեց, և այն ամենն, ինչ հիմա կատարվում էր շուրջս, կորցրել էր իր իմաստն ու նշանակությունը։ Քիչ անց եկավ անգլիական սանիտարական մեքենան, ինձ դրեցին պատգարակի վրա, հետո բարձրացրին մինչև թափքը և ներս հրեցին։ Կողքիս մի ուրիշ պատգարակ կար, որի վրա մի մարդ էր պառկած, ամբողջ դեմքը վիրակապված էր, միայն մոմանման քիթն էր երևում վիրակապերի արանքից։ Ծանր էր շնչում։ Էլի մի քանի պատգարակ բարձրացրին ու դրեցին ձգափոկերի վրա։ Անգլիացի բարձրահասակ վարորդը մոտեցավ թափքին ու ներս նայեց։
  
— Կամաց կքշեմ,— ասաց նա։— Հուսով եմ գոհ կմնաք։
 
Տող 1432. Տող 1477.
  
Կաթիլներն ընկնում էին շատ դանդաղ, ճիշտ այնպես, ինչպես մայրամուտից հետո ջուրն է կաթկթում սառցալեզվակներից։ Մթության մեջ մեքենան բարձրանում էր սարը, և թափքում անչափ ցուրտ էր։ Պահակետի մոտ պատգարակը դուրս հանեցին, դրեցին մեկ ուրիշը, ու մենք շարունակեցինք ճանապարհը։
 
==Գլուխ 10==
 +
 +
Զինվորական հյուրանոցի պալատում ասացին, որ կեսօրից հետո ինձ մոտ գալու է մի այցելու։ Շոգ էր, և սենյակը լցված էր ճանճերով։ Սանիտարը թուղթը շերտերի բաժանեց, կապեց ձեռնափայտին և օգտագործելով որպես փոքրիկ ավել, սկսեց դրանով ճանճերին քշել։ Ես նայում էի, թե ինչպես են նրանք նստում առաստաղին։ Երբ նա դադարեց ավելը թափահարել ու քնեց, ճանճերն իսկույն ցած թռան, ու ես անընդհատ փչում էի, որ չկպչեն ինձ, բայց ի վերջո ձեռքերով ծածկեցի դեմքս և նույնպես քնեցի։ Շատ շոգ էր, ու երբ արթնացա, ոտքերս սաստիկ քոր էին գալիս։ Արթնացրի սանիտարին, ու նա հանքային ջուր թափեց վիրակապերիս վրա։ Անկողինը դարձավ զով ու խոնավ։ Արթուն հիվանդները զրույց էին անում պալատի մի ծայրից մյուսը։ Ճաշից հետո միշտ հանգիստ ժամեր էին։ Առավոտները երեք բուժակ մի֊մի բժիշկ հերթով մոտենում էին բոլոր մահճակալներին, բարձրացնում հիվանդներին և տանում վիրակապարան, որպեսզի վերքերը վիրակապելու ժամանակ հնարավոր լիներ անկողինները կարգի բերել։ Այդ ճամփորդությունն այնքան էլ հաճելի չէր, բայց այն ժամանակ ես դեռ չգիտեի, թե անկողինը նաև կարելի է սարքել նաև առանց հիվանդին տեղից շարժելու։ Սանիտարն արդեն թափել էր ամբողջ ջուրը, անկողինը դարձել էր զով ու հաճելի, և հենց այն է՝ ես բացատրում էի նրան, թե ոտնաթաթիս որ մասը քորի, երբ բժշկի ուղեկցությամբ ներս մտավ Ռինալդին։ Մտավ շատ արագ, կռացավ մահճակալիս վրա ու համբուրեց ինձ։ Նկատեցի, որ ձեռնոց էր հագել։
 +
 +
― Ինչ կա չկա, բեյբի։ Ինչպե՞ս եք։ Սա ձեզ համար եմ բերել ― մի շիշ կոնյակ էր։ Սանիտարը աթոռ բերեց, և նա նստեց։ ― Եվ մի լավ նորություն։ Պարգևատրվելու եք։ Ուզում են արծաթե մեդալ տալ, բայց գուցե միայն բրոնզ հաջողվի։
 +
 +
― Ինչի՞ համար։
 +
 +
― Որովհետև ծանր վիրավորվել եք։ Ասում են՝ եթե կարողանաք ապացուցել, որ սխրագործություն եք կատարել, արծաթ կստանաք։ Հակառակ դեպքում՝ բրոնզ։ Մանրամասն պատմեք։ Սխրագործություն արե՞լ եք։
 +
 +
― Ոչ, ― ասացի ես։ ― Երբ արկը պայթեց, պանիր էինք ուտում։
 +
 +
― Լուրջ պահեք ձեզ։ Դուք պետք է սխրագործություն արած լինեք կամ առաջ կամ հետո։ Լավ հիշեք։
 +
 +
― Ոչինչ էլ չեմ արել։
 +
 +
― Ոչ մեկին չե՞ք տարել ուսերի վրա։ Գորդինին ասում է, որ մի քանի հոգու եք տարել, բայց առաջին պահակետի գլխավոր բժիշկը հայտարարեց, որ անհնար էր այդպիսի բան անել։ Իսկ պարգևատրման զեկուցագիրը նա պետք է ստորագրի։
 +
 +
― Ոչ ոքի էլ չեմ տարել։ Շարժվել անգամ չէի կարող։
 +
 +
― Դա կարևոր չէ, ― ասաց Ռինալդին։
 +
 +
Նա հանեց ձեռնոցները։
 +
 +
― Հուսով եմ, արծաթ կհաջողացնենք։ Գուցե հրաժարվե՞լ եք բժշկական օգնությունից և ուրիշների՞ն եք զիջել ձեր հերթը։
 +
 +
― Ոչ այնքան վճռական։
 +
 +
― Դա կարևոր չէ։ Իսկ ձեր վերքե՞րը։ Իսկ ձեր արիությո՞ւնը, չէ՞ որ անընդհատ խնդրում էիք, որ առաջին գիծ տանեն ձեզ։ Բացի այդ, օպերացիան հաջողությամբ ավարտվեց։
 +
 +
― Ուրեմն, կարողացա՞ն գետն անցնել։
 +
 +
― Այն էլ ինչպես։ Մոտ հազար գերի են բռնել։ Տեղեկաթերթիկում է գրված։ Չե՞ք կարդացել։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Կբերեմ։ Դա փառավոր coup de main<ref>Հարված (ֆր․)։</ref> էր։
 +
 +
― Ձեզ մոտ ի՞նչ կա։
 +
 +
― Լավ է։ Ամեն ինչ լավ է։ Բոլորն էլ հպարտանում են ձեզնով։ Մանրամասն պատմեցեք։ Վստահ եմ, որ արծաթ կստանաք։ Դե սկսեք։ Ամեն ինչ հերթով պատմեցեք։ ― Լռեց ու մտքերի մեջ ընկավ։ ― Գուցե անգլիական մեդալ ստանաք։ Այնտեղ մի անգլիացի կար։ Կգամ, կհարցնեմ․ չի՞ համաձայնի արդյոք ձեր մասին հանձնարարական տալ։ Կարծում եմ, որ եթե ուզենա, կարող է մի բան անել։ Շա՞տ է ցավում։ Մի քիչ խմեք։ Սանիտար, խցանահան բերեք։ Օ, պիտի տեսնեիք, թե ինչպես եմ մի հիվանդից երեք մետր բարկա աղիք հանել։ Իսկական «Լանցետում» գրելու բան է։ Դուք կթարգմանեք, իսկ ես կուղարկեմ։ Օրըստօրե կատարելագործվում եմ։ Իմ խեղճ, իմ սիրելի բեյբի, ինչպե՞ս եք։ Ո՞ւր մնաց այդ անիծյալ խցանահանը։ Դուք այնքան լուռ եք, ու համբերատար, որ նույնիսկ մոռանում եմ ձեր վերքերի մասին։
 +
 +
Ձեռնոցները խփեց մահճակալի ծայրին։
 +
 +
― Խնդրեմ, խցանահանը, signor tenente, ― ասաց սանիտարը։
 +
 +
― Բացեք շիշը։ Բաժակ բերեք։ Խմեք, բեյբի։ Ինչպե՞ս է ձեր խեղճ գլուխը։ Մի թեթև նայեցի հիվանդության պատմությունը։ Ճեղքվածք չունեք։ Առաջին պահակետի բժիշկը մսագործի մեկն էր։ Եթե ես անեի, բնավ ցավ չէիք զգա։ Իմ հիվանդներից ոչ մեկն էլ ցավ չի զգում։ Գիտեմ ինչ պիտի անել։ Օրըստօրե ավելի հեշտ ու թեթև եմ աշխատում։ Ներեցեք, որ այսքան շատ եմ խոսում, բեյբի։ Շատ եմ վշտացած, որ ծանր եք վիրավորվել։ Խմեք, խմեք։ Լավ կոնյակ է։ Հիսուն լիրա արժե։ Պետք է լավը լինի։ Հինգաստղանի է։ Հենց որ դուրս գամ, անգլիացու մոտ եմ գնալու, և նա անգլիական մեդալ կպոկի ձեզ համար։
 +
 +
― Դա այնքան էլ հեշտ բան չէ։
 +
 +
― Շատ համեստ եք։ Ես կապի սպային կուղարկեմ։ Նա կարողանում է անգլիացիների հետ լեզու գտնել։
 +
 +
― Տեսե՞լ եք միսս Բարկլիին։
 +
 +
― Ես նրան կբերեմ։ Հիմա կգնամ ու կբերեմ։
 +
 +
― Մի գնացեք, ― ասացի ես։ ― Գորիցիայի մասին պատմեք։ Լավ աղջիկներ կայի՞ն։
 +
 +
― Ոչ մի աղջիկ էլ չկար։ Արդեն երկու շաբաթ է, ինչ նոր աղջիկներ չեն գալիս։ Էլ չեմ գնում այնտեղ։ Խայտառակություն։ Իսկ հներն ի՞նչ աղջիկ են, ճակատային ընկերներ են։
 +
 +
― Բնա՞վ չեք գնում։
 +
 +
― Միայն մեկ֊մեկ, նորություն իմանալու։ Այն էլ ի միջի այլոց։ Բոլորն էլ ձեր մասին են հարցնում։ Խայտառակություն է։ Այնքան երկար են մնում, որ ընկերներ ենք դառնում։
 +
 +
― Գուցե էլ չեն ուզում ճակատ գնալ։
 +
 +
― Ուզում են, ուզում։ Ինչքան ասես աղջիկ կա։ Բայց կազմակերպվածություն չկա։ Թիկունքի հերոսների համար են պահում նրանց։
 +
 +
― Խե՜ղճ Ռինալդի, ― ասացի ես։ ― Պատերազմում մեն֊մենակ, նույնիսկ առանց նոր աղջիկների։
 +
 +
Ռինալդին լցրեց իր բաժակը։
 +
 +
― Սա ձեր համար վնաս չէ։ Խմեք։
 +
 +
Խմեցի կոնյակն ու զգացի, թե ինչպես ամբողջ մարմինս սկսեց տաքանալ։ Ռինալդին էլի լցրեց։ Հանգստացել էր մի քիչ։ Նա բարձրացրեց բաժակը։
 +
 +
― Ձեր քաջարի վերքերի կենացը։ Արծաթի մեդալի կենացը։ Ասացեք, բեյբի, ձեր ներվերի վրա չի՞ ազդում այս շոգին անընդհատ պառկելը։
 +
 +
― Երբեմն ազդում է։
 +
 +
― Նույնիսկ պատկերացնել չեմ կարող։ Ես կգժվեի։
 +
 +
― Դուք արդեն գիժ եք։
 +
 +
― Շատ եմ ուզում վերադառնաք։ Գիշերային արկածներից հետո մարդ չկա, որ պարտք վերցնես։ Ոչ մի հարևան, ոչ մի արյունակից եղբայր։ Չեմ հասկանում, ինչո՛ւ վիրավորվեցիք։
 +
 +
― Կարող եք քահանային ձեռք առնել։
 +
 +
― Քահանա՜։ Ես նրան ձեռք չեմ առնում։ Կապիտանն է ձեռք առնում։ Իսկ ես սիրում եմ։ Եթե քահանայի կարիք ունենաք, նրան վերցրեք։ Նա ձեզ տեսության է գալիս։ Մեծ պատրաստություններ է տեսնում։
 +
 +
― Ես էլ եմ նրան սիրում։
 +
 +
― Գիտեմ։ Մեկ֊մեկ նույնիսկ մտածում եմ, որ դուք և նա, ոնց ասեմ, նրանցից եք։ Հասկանում եք, չէ՞։
 +
 +
― Ոչինչ էլ չեք մտածում։
 +
 +
― Չէ, մեկ֊մեկ մտածում եմ։
 +
 +
― Գրողի ծողը կորեք։
 +
 +
Նա վեր կացավ ու հագավ ձեռնոցները։
 +
 +
― Շատ եմ սիրում ձեր հոգու հետ խաղալ, բեյբի։ Ու չնայած ձեր քահանային ու ձեր անգլուհուն, մենք հոգով շատ նման ենք իրար։
 +
 +
― Նման չենք։
 +
 +
― Նման ենք։ Դուք իսկական իտալացի եք։ Ամբողջովին կրակ ու բոց, մեջը՝ պարապ։ Դուք միայն ձևացնում եք, թե ամերիկացի եք։ Մենք եղբայրներ ենք և սիրում ենք իրար։
 +
 +
― Խելոք կմնաք մինչև գալս, ― ասացի ես։
 +
 +
― Ես կուղարկեմ միսս Բարկլիին։ Իմ բացակայությունն ավելի հաճելի կլինի ձեզ։ Դուք ավելի նուրբ եք և ավելի մաքուր։
 +
 +
― Գրողի ծոցը կորեք։
 +
 +
― Կուղարկեմ նրան։ Ձեր գեղեցիկ և սառը աստվածուհուն։ Անգլիական աստվածուհուն։ Աստված իմ, էլ ի՞նչ կարող է մարդ անել այդպիսի կնոջը, եթե ոչ երկրպագել։ Եվ, ընդհանրապես, էլ ինչի՞ են պետք անգլուհիները։
 +
 +
― Դուք տգետ և դատարկախոս դագո<ref>Իսպանացի նավազների արհամարհական անուն։</ref> եք։
 +
 +
― Ի՞նչ, ի՞նչ։
 +
 +
― Տգետ ու սնապարծ։
 +
 +
― Սնապա՜րծ։ Դո՛ւք եք սնապարծ․․․ ձեր այդ սառցե մռութով։
 +
 +
― Տգետ։ Բթամիտ։ ― Զգացի, որ այդ բառը խոցեց նրան ու շարունակեցի։ ― Անկիրթ։ Անգրագետ։ Անգրագետ բթամիտ։
 +
 +
― Այդպես, հա՞։ Դե հիմա լսեք ձեր անմեղ կանանց մասին։ Ձեր աստվածուհիների մասին։ Անմեղ աղջկա ու կնոջ միջև մի տարբերություն կա միայն։ Երբ աղջկա հետ ես պառկում, ցավ ես պատճառում նրան։ Այսքան բան։ ― Ձեռնոցները խփեց մահճակալին։ ― Ու չես կարող իմանալ, դուր կգա՞ աղջկան այդ բանը, թե ոչ։
 +
 +
― Մի չարացեք։
 +
 +
― Չեմ չարանում։ Ձեր օգտին եմ ասում, բեյբի։ Գլխացավանքից ազատելու համար։
 +
 +
― Էլ ուրիշ տարբերություն չկա՞։
 +
 +
― Ոչ, չկա։ Բայց ձեզ նման միլիոնավոր հիմարներ չգիտեն այդ։
 +
 +
― Շատ զգացված եմ, որ ասացիք ինձ։
 +
 +
― Չարժե գժտվել, բեյբի։ Ես ձեզ շատ եմ սիրում, բայց հիմար մի եղեք։
 +
 +
― Չեմ լինի։ Կլինեմ այնքան խելոք, որքան՝ դուք։
 +
 +
― Մի բարկացեք, բեյբի։ Ծիծաղեցեք։ Մի քիչ էլ խմեք։ Արդեն գնալու ժամանակն է։
 +
 +
― Դուք լավ տղա եք։
 +
 +
― Այ, տեսնում եք։ Հոգով նման ենք իրար։ Պատերազմի ընկերներ ենք։ Հրաժեշտից առաջ համբուրեք ինձ։
 +
 +
― Փսլնքոտ։
 +
 +
― Ոչ։ Ես պարզապես ավելի զգայուն եմ։
 +
 +
Դեմքիս վրա զգացի նրա շնչառությունը։
 +
 +
― Ցտեսություն։ Շուտով նորից կգամ։ ― Շնչառությունը հեռացավ ինձնից։ ― Թե չեք ուզում, չեմ համբուրի։ Անգլուհուն կուղարկեմ։ Ցը, բեյբի։ Մահճակալի տակ է կոնյակը։ Շուտ լավացեք։
 +
 +
Գնաց։
 +
 +
 +
==Գլուխ 11==
 +
 +
Արդեն մթնում էր, երբ քահանան եկավ։ Ապուրը բերել էին, պնակները հավաքել, ու ես հիմա պառկած նայում էի մահճակալների շարքերին ու պատուհանից երևացող ծառերի կատարներին, որոնք թեթևակի օրորվում էին երեկոյան հովից։ Հովը ներս մտավ պատուհանից, ու ինչքան մոտենում էր գիշերը, այնքան զովանում էր եղանակը։ Ճանճերը կպել էին առաստաղին ու էլեկտրաքուղերից կախված լամպերին։ Լույսը վառում էին միայն այն ժամանակ, երբ նոր վիրավոր էին բերում կամ երբ ինչ֊որ բան էին անում պալատում։ Ես ինձ նորից փոքրիկ տղա զգացի, որովհետև աղջամուղջից հետո մութն էր իջել և այդ մթությունն էր իշխելու մինչև առավոտ։ Կարծես ընթրիքից հետո քեզ անկողին էին դնում։ Սանիտարն անցավ մահճակալների արանքով ու կանգ առավ։ Նրա հետ ինչ֊որ մեկն էլ կար։ Քահանան էր։ Կարճահասակ, թխադեմ, շփոթված, կանգնել էր իմ առաջ։
 +
 +
― Ինչպե՞ս եք, ― հարցրեց նա։
 +
 +
Ապա ինչ֊որ փաթեթներ դրեց հատակին, մահճակալի մոտ։
 +
 +
― Լավ եմ, հայր սուրբ։
 +
 +
Նստեց Ռինալդիի համար բերված աթոռին ու շփոթված դուրս նայեց պատուհանից։ Նկատեցի, որ հոգնած դեմք ուներ։
 +
 +
― Ես մի րոպեով եմ եկել, ― ասաց նա։ ― Ուշ է արդեն։
 +
 +
― Ուշ չէ։ Ի՞նչ կա մեզ մոտ։
 +
 +
Ժպտաց։
 +
 +
― Ինչպես միշտ, ձեռք են առնում ինձ։ ― Ձայնի մեջ էլ հոգնություն կար։ ― Փառք աստծո, բոլորն էլ լավ են։
 +
 +
― Շատ ուրախ եմ, որ դուք էլ լավ եք, ― ասաց նա։ ― Հուսով եմ, որ ցավեր չունեք։
 +
 +
Շատ հոգնած էր երևում, իսկ ես սովոր չէի նրան հոգնած տեսնել։
 +
 +
― Հիմա արդեն չի ցավում։
 +
 +
― Ճաշի ժամանակ միշտ զգում եմ ձեր բացակայությունը։
 +
 +
― Շատ եմ ուզում վերադառնալ։ Ինձ համար միշտ էլ հաճելի է եղել ձեզ հետ զրուցելը։
 +
 +
― Մի քանի փոքր բան եմ բերել ձեզ, ― ասաց նա ու փաթեթները վերցրեց գետնից։ ― Սա ցանց է մոծակների դեմ։ Սա վերմուտ է։ Սիրո՞ւմ եք վերմուտ։ Իսկ սրանք անգլիական թերթեր են։
 +
 +
― Բացեք, խնդրում եմ։
 +
 +
Նա ուրախացավ և սկսեց բացել փաթեթները։ Ես վերցրի մոծակների ցանցը։ Նա բարձրացրեց վերմուտի շիշը, որպեսզի ցույց տա ինձ, հետո դրեց հատակին, մահճակալի դիմաց։ Կապոցի միջից անգլիական մի թերթ հանեցի ու այնպես պահեցի, որ պատուհանից գոնե մի թույլ լույս ընկներ վրան, ու մի կերպ կարողացա կարդալ վերնագիրը․ «Նյուս օվ ուորլդ»։
 +
 +
― Մյուսները պատկերազարդ են, ― ասաց նա։
 +
 +
― Մեծ հաճույքով կկարդամ։ Որտեղի՞ց եք ճարել։
 +
 +
― Մարդ եմ ուղարկել, որ բերեն Մեստրելից։ Էլի կուղարկեմ։
 +
 +
― Ինչ լավ արեցիք, որ եկաք, հայր սուրբ։ Վերմուտ կխմե՞ք։
 +
 +
― Շնորհակալություն։ Պահեք։ Դա ձեզ համար է։
 +
 +
― Ոչինչ, խմեք մի քիչ։
 +
 +
― Դե լավ։ Հաջորդ անգամ էլի կբերեմ։
 +
 +
Սանիտարը երկու բաժակ բերեց ու հանեց շշի խցանը։ Խցանը պոկոտվեց, և նա, ստիպված, մի մասը խոթեց շշի մեջ։ Նկատեցի, որ դա վշտացրեց քահանային, բայց և այնպես նա ասաց․
 +
 +
― Ոչինչ, ոչինչ։
 +
 +
― Ձեր կենացը, հայր սուրբ։
 +
 +
― Ձեր կենացը։
 +
 +
Հետո նա ձեռքում էր պահել բաժակը, ու մենք իրար էինք նայում։ Երբեմն փորձում էինք բարեկամական խոսակցություն սկսել, բայց այդ գիշեր ինչ֊որ չէր ստացվում։
 +
 +
― Ի՞նչ է պատահել, հայր սուրբ։ Շատ հոգնած եք երևում։
 +
 +
― Հոգնել եմ, բայց հոգնելու իրավունք չունեմ։
 +
 +
― Շոգից է։
 +
 +
― Ոչ։ Դեռ գարուն է, սիրտս է նեղվում։
 +
 +
― Զզվե՞լ եք պատերազմից։
 +
 +
― Ոչ, բայց ատում եմ պատերազմը։
 +
 +
― Ինձ համար էլ պատերազմում հաճելի ոչինչ չկա։
 +
 +
Նա շարժեց գլուխը ու դուրս նայեց պատուհանից։
 +
 +
― Բայց դա ձեզ չի խանգարում։ Դուք չեք տեսնում այն։ Ներեցեք։ Գիտեմ, որ վիրավորված եք։
 +
 +
― Դա պատահականություն էր։
 +
 +
― Միևնույն է, նույնիսկ վիրավորված վիճակում դուք այն չեք տեսնում։ Վստահ եմ։ Ես էլ չեմ տեսնում, բայց զզվում եմ մի քիչ։
 +
 +
― Մենք հենց այդ մասին էինք խոսում, երբ վիրավորվեցի։ Պասսինին էր խոսում։
 +
 +
Քահանան ցած դրեց բաժակը։ Ինչ֊որ ուրիշ բանի մասին էր մտածում։
 +
 +
― Ես հասկանում եմ նրանց, որովհետև ես էլ եմ նրանց նման, ― ասաց նա։
 +
 +
― Բայց դուք բոլորովին ուրիշ եք։
 +
 +
― Իսկ իրականում նման եմ։
 +
 +
― Սպաները ոչինչ չեն տեսնում։
 +
 +
― Ոչ բոլորը։ Կան նաև զգայուն սպաներ և նրանց համար ավելի ծանր է, քան՝ մեզ։
 +
 +
― Քիչ է նրանց թիվը։
 +
 +
― Խնդիրը ոչ կրթությունն է, ոչ էլ դրամը։ Այլ ինչ֊որ ուրիշ բան։ Եթե Պասսինիի նման մարդիկ նույնիսկ կրթություն և փող ունենային, միևնույն է, չէին ցանկանա սպա դառնալ։ Ես չէի ուզենա դառնալ։
 +
 +
― Բայց մեկ է, դուք արդեն սպա եք։ Ես էլ եմ սպա։
 +
 +
― Ոչ, մեկ չէ՝ դուք նույնիսկ իտալացի էլ չեք։ Օտար եք։ Բայց ավելի սպաներին եք մոտ, քան շարքայիններին։
 +
 +
― Ի՞նչն է տարբերությունը։
 +
 +
― Դժվարանում եմ ասել։ Կան մարդիկ, որոնք ուզում են կռվել։ Հատկապես այս երկրում։ Բայց կան նաև մարդիկ, որոնք կռվել չեն ուզում։
 +
 +
― Բայց առաջիններն ստիպում են։
 +
 +
― Այո։
 +
 +
― Ու ես փաստորեն օգնում եմ նրանց։
 +
 +
― Դուք օտար եք։ Եվ հայրենասեր։
 +
 +
― Իսկ նրանք, ովքեր չե՞ն ուզում կռվել։ Կարո՞ղ են պատերազմը խանգարել։
 +
 +
― Չգիտեմ։
 +
 +
Նորից պատուհանից դուրս նայեց։ Ես հետևում էի նրա դեմքին։
 +
 +
― Իսկ երբևէ կարողացե՞լ են խանգարել։
 +
 +
― Նրանք կազմակերպված չեն, դրա համար էլ ոչինչ չեն կարող խանգարել։ Իսկ երբ կազմակերպվում են, առաջնորդները դավաճանում են նրանց։
 +
 +
― Ուրեմն անհուսալի՞ է։
 +
 +
― Անհուսալի ոչինչ չկա։ Բայց երբեմն ես էլ եմ կորցնում հույսս։ Փորձում եմ միշտ հուսալ, բայց երբեմն չեմ կարողանում։
 +
 +
― Գուցե պատերազմը վերջանա մի օր։
 +
 +
― Հուսով եմ։
 +
 +
― Ի՞նչ եք անելու այն ժամանակ։
 +
 +
― Եթե հնարավոր լինի կվերադառնամ Աբրուցի։
 +
 +
Նրա թուխ դեմքը հանկարծ փայլեց երջանկությունից։
 +
 +
― Սիրո՞ւմ եք Աբրուցին։
 +
 +
― Այո։ Շատ եմ սիրում։
 +
 +
― Ուրեմն հենց այնտեղ էլ գնացեք։
 +
 +
― Դա մեծ երջանկություն կլիներ։ Եթե կարողանայի այնտեղ ապրել և աստծուն սիրել և ծառայել նրան․․․
 +
 +
― Եվ հարգանք վայելել, ― ասացի ես։
 +
 +
― Այո, հարգանք վայելել։ Իսկ ինչու ոչ։
 +
 +
― Իհարկե։ Եվ դուք կվայելե՛ք հարգանք։
 +
 +
― Դա կարևոր չէ։ Բայց այնտեղ, իմ հայրենիքում, բնական է համարվում աստծուն սիրելը։ Եվ ոչ թե կեղտոտ խաղ։
 +
 +
― Հասկանում եմ։
 +
 +
Նա ինձ նայեց ու ժպտաց։
 +
 +
― Հասկանում եք, բայց չեք սիրում աստծուն։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Բնա՞վ չեք սիրում, ― հարցրեց նա։
 +
 +
― Գիշերները երբեմն վախենում եմ նրանից։
 +
 +
― Դուք պետք է սիրեք նրան։
 +
 +
― Ես քչերին եմ սիրում։
 +
 +
― Ոչ, ― ասաց նա։ ― Ճիշտ չեք։ Հիշո՞ւմ եք այն գիշերները, որոնց մասին պատմեցիք ինձ։ Դա սեր չէ։ Միայն կիրք է ու հեշտանք։ Երբ սիրում ես, ուզում ես ինչ֊որ բան անել հանուն սիրո։ Ուզում ես զոհել քեզ։ Ուզում ես ծառայել։
 +
 +
― Ես ոչ ոքի չեմ սիրում։
 +
 +
― Կսիրեք։ Գիտեմ, որ կսիրեք։ Եվ այն ժամանակ երջանիկ կլինեք։
 +
 +
― Լավ, ― ասացի ես։ ― Երբ հասկանամ, կասեմ ձեզ։
 +
 +
― Դա ուրիշ բան է։ Դուք այդ չեք հասկանա, մինչև որ չզգաք ձեր մաշկի վրա։

― Երկար մնացի և շատ խոսեցի։
 +
 +
Նա անկեղծորեն անհանգստացել էր։
 +
 +
― Ոչ։ Մի գնացեք։ Իսկ սե՞րը կանանց հանդեպ։ Եթե իսկապես սիրեի որևէ կնոջ, նո՞ւյնը կլիներ։
 +
 +
― Չգիտեմ։ Ես ոչ մի կնոջ չեմ սիրել։
 +
 +
― Իսկ ձեր մո՞րը։
 +
 +
― Այո, երևի սիրել եմ։
 +
 +
― Իսկ աստծուն մի՞շտ եք սիրել։
 +
 +
― Մանկությունից։
 +
 +
― Լավ, ― ասացի ես։ Չգիտեի ինչ ասել։ ― Դուք դեռ շատ երիտասարդ եք։
 +
 +
― Այո, երիտասարդ եմ, ― ասաց նա։ ― Բայց դուք ինձ հայր եք կոչում։
 +
 +
― Քաղաքավարություն է։
 +
 +
Նա ժպտաց։
 +
 +
― Արդեն իսկապես գնալու ժամանակն է, ― ասաց նա։ ― Որևէ բանի կարիք չունե՞ք, ― ակնկալությամբ հարցրեց նա։
 +
 +
― Ոչ։ Միայն խոսել ձեզ հետ։
 +
 +
― Ես ձեր կողմից կբարևեմ մերոնց։
 +
 +
― Շնորհակալություն նվերների համար։
 +
 +
― Չարժե։
 +
 +
― Նորից եկեք։
 +
 +
― Կգամ։ Ցտեսություն։ ― Նա թփթփացրեց ձեռքս։
 +
 +
― Գնաք բարով, ― ասացի ես բարբառով։
 +
 +
― Ciao, ― կրկնեց նա։
 +
 +
Սենյակում մութ էր, և սանիտարը, որ նստել էր մահճակալի ծայրին, վեր կացավ ու գնաց նրան ուղեկցելու։ Քահանան ինձ շատ էր դուր գալիս, ու երանի թե մի օր Աբրուցի վերադառնար։ Ճաշարանում նրա հոգին հանում էին, բայց նա համբերությամբ էր ամեն ինչ տանում, ու ես պատկերացնում էի, թե ինչպիսին էր նա իր հայրենիքում։ Պատմում էր, որ Կապրակոտտա քաղաքի ծայրին կարմրախայտով հարուստ մի գետ կա։ Գիշերներն արգելված էր ֆլեյտա նվագել։ Երիտասարդները սերենադ էին երգում, և միայն ֆլեյտան էր արգելված։ Հարցրի թե՝ ինչու։ Որովհետև աղջիկների համար վնասակար է գիշերները ֆլեյտայի նվագ լսել։ Գյուղացիները քեզ դոն են կոչում և հանդիպելիս գլխարկ հանում։ Նրա հայրն ամեն օր որսորդության էր գնում և գյուղացիների խրճիթներում էր ուտում։ Դա մեծ պատիվ էր նրանց համար։ Եթե օտարերկրացին ուզում էր որսորդությամբ զբաղվելու թույլտվություն ստանալ, պիտի տեղեկանք ներկայացներ, որ երբեք չի բանտարկվել։ Gran Sasso d' Italia-ում արջեր կային, բայց դա շատ հեռու էր։ Ակուիլան գեղեցիկ քաղաք էր։ Ամռան երեկոները զով էին, իսկ Աբրուցիի նման գարուն ամբողջ Իտալիայում չկա։ Բայց ամենից լավը աշունն էր, երբ կարելի էր որս անել շագանակակիների անտառում։ Այնտեղ հիանալի թռչուն էր լինում, որովհետև խաղողով էին սնվում նրանք։ Եվ նախաճաշ վերցնելու ոչ մի կարիք չկար, որովհետև գյուղացիների համար մեծ պատիվ էր, եթե խրճիթ մտնեիր և ուտեիր նրանց հետ։ Քիչ անց ես քնեցի։
 +
 +
 +
==Գլուխ 12==
 +
 +
Հիվանդասենյակը երկար էր, աջ կողմում՝ պատուհաններ, անկյունում՝ մի դուռ, որ տանում էր դեպի վիրակապարան։ Մահճակալների մի շարքը, որոնց թվում և իմը, դրված էր պատի տակ, պատուհանների դիմաց, իսկ մյուսը՝ պատուհանների տակ, պատի դիմաց։ Եթե ձախ կողքիդ պառկեիր, կերևար վիրակապարանի դուռը։ Խորքում ևս մի դուռ կար, որտեղից երբեմն մարդիկ էին մտնում։ Երբ որևէ մեկը հոգևարքի մեջ էր լինում, նրա մահճակալն իսկույն ծածկում էին առաջակալով, որպեսզի ոչ ոք չտեսներ, թե ինչպես է նա մեռնում, և միայն բժիշկների ու սանիտարների կոշիկներն ու փաթաթաններն էին երևում առաջակալի տակից, ու վերջում երբեմն շշուկ էր լսվում։ Հետո առաջակալի ետևից դուրս էր գալիս մի վարպետ, իսկ սանիտարները նորից անցնում էին առաջակալից այն կողմ, դուրս բերում մինչև գլուխը սավանով փաթաթված մեռելին, տանում մահճակալների արանքներով, իսկ մինչ այդ ինչ֊որ մեկը ծալում, հավաքում էր առաջակալը։
 +
 +
Այդ առավոտ հիվանդասենյակի բժիշկն ինձ հարցրեց, թե արդյոք ի վիճակի՞ եմ վաղը մեկնելու։ Ասացի՝ այո։ Նա ասաց, որ այդ դեպքում հենց առավոտ շուտ ինձ կուղարկեն։ Ասաց, որ ավելի լավ է հիմա տեղափոխվել, քանի դեռ այնքան էլ շոգ չէ։
 +
 +
Երբ մահճակալից բարձրացնում էին վիրակապարան տանելու համար, կարելի էր նայել պատուհանից և նոր գերեզմաններ տեսնել պարտեզում։ Դեպի պարտեզ բացվող դռան մոտ մի զինվոր էր նստած, նա խաչեր էր սարքում և գրում պարտեզում թաղված զինվորների անունները, աստիճանները և գնդերի համարները։ Նա կատարում էր նաև վիրավորների հանձնարարությունները և ազատ ժամերին ավստրիական հրացանի դատարկ փամփուշտներից վառիչ էր սարքում ինձ համար։ Բժիշկները շատ համակրելի էին և շատ փորձառու էին թվում։ Ուզում էին ինձ անպայման ուղարկել Միլան, որտեղ ռենտգենյան նկարահանման ավելի մեծ հնարավորություններ կային, ու վիրահատությունից հետո կարող էի նաև մեխանիկական բուժում ստանալ։ Ես էլ էի ուզում Միլան գնալ։ Նրանք աշխատում էին բոլորին էլ հնարավորին չափ շուտ դուրս գրել, որպեսզի հարձակումից առաջ մահճակալներն ազատ լինեին։
 +
 +
Երեկոյան, մինչև զինվորական հիվանդանոցից դուրս գալս, ինձ մոտ եկան Ռինալդին և մեր գլխավոր բժիշկը։ Ասացին, որ ինձ կուղարկեն Միլանի ամերիկյան հիվանդանոցը, որը հենց նոր էր բացվել։ Ամերիկայից սանիտարական մի քանի ջոկատ պիտի ուղարկեին, և այդ հիվանդանոցը ծառայելու էր նրանց ու իտալական բանակում կռվող բոլոր մյուս ամերիկացիներին։ Կարմիր խաչում շատ ամերիկացիներ կային։ Միացյալ Նահանգները պատերազմ էին հայտարարել Գերմանիային, բայց Ավստրիային՝ ոչ։
 +
 +
Իտալացիները վստահ էին, որ Ամերիկան պատերազմ կհայտարարի նաև Ավստրիային, դրա համար էլ շատ էին ուրախանում, որ ամերիկացիներ են գալու, թեկուզ և կարմիր խաչի աշխատողներ։ Ինձ հարցրին, թե ինչ է իմ կարծիքը, արդյո՞ք նախագահ Ուիլսոնը պատերազմ կհայտարարի Ավստրիային, ու ես ասացի, որ օրերի հարց է դա։ Չգիտեի, թե մենք ինչ ունենք Ավստրիայի դեմ, բայց և տրամաբանական էր թվում, որ եթե Գերմանիային պատերազմ էինք հայտարարել, ուրեմն, պատերազմ պետք է հայտարարենք նաև Ավստրիային։ Հարցրին, թե արդյոք Թուրքիային էլ պատերազմ չե՞նք հայտարարի։ Ասացի, որ կասկածում եմ։ Ասացի, որ Թուրքիան մեր ազգային թռչունն է, բայց այս կատակն ընդհանրապես այնքան վատ էր թարգմանվում և նրանք այնքան շփոթված էին ու կասկածամիտ, որ ես ասացի՝ այո, հավանաբար, Թուրքիային էլ պատերազմ կհայտարարենք։ Իսկ Բուլղարիայի՞ն։ Մենք արդեն մի քանի բաժակ կոնյակ էինք խմել, ու ես ասացի, որ գրողի ծոցը կորչի Բուլղարիան էլ, Ճապոնիան էլ։ Ասացին՝ բայց չէ՞ որ Ճապոնիան Անգլիայի դաշնակիցն է։ Մեկ է, չի կարելի վստահել այդ գարշելի անգլիացիներին։ Ճապոնացիները Հավայան կղզիներն են ուզում, ասացի ես։ Որտե՞ղ են հավայան կղզիները։ Խաղաղ օվկիանոսում։ Իսկ ինչո՞ւ են ճապոնացիներն ուզում այդ կղզիները։ Ոչ մի կղզի էլ չեն ուզում, ասացի ես։ Դատարկ խոսակցություններ են, ուրիշ ոչինչ։ Ճապոնացիները փոքրիկ և հիանալի ժողովուրդ են, սիրում են պար և թեթև գինի։ Ֆրանսիացիների պես, ասաց մայորը։ Մենք ֆրանսիացիներից կվերցնենք Նիցցան և Սավոյան։ Կորսիկան էլ կվերցնենք, Ադրիատիկի ամբողջ ծովափն էլ, ասաց Ռինալդին։ Իտալիան կվերականգնի Հռոմի նախկին հզորությունը, ասաց մայորը։ Չեմ սիրում Հռոմը, ասացի ես։ Այնտեղ շոգ է և շատ փայտոջիլներ կան։ Հռոմը ձեզ դուր չի՞ գալիս։ Ոչ, ես սիրում եմ Հռոմը։ Հռոմը ժողովուրդների մայրն է։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր Հռոմուլոսը ծծում Տիբերին։ Ի՞նչ։ Ոչինչ։ Եկեք բոլորս էլ Հռոմ գնանք։ Եկեք այս գիշեր գնանք ու երբեք չվերադառնանք։ Հռոմը հրաշալի քաղաք է, ասաց մայորը։ Ժողովուրդների հայրն ու մայրը, ասացի ես։ Roma-ն իգական սեռ է, ասաց Ռինալդին։ Չի կարող հայր լինել։ Ուրեմն ո՞վ է հայրը։ Սուրբ հոգի՞ն։ Մի անարգիր աստծուն։ Չեմ անարգում, իմանալ եմ ուզում։ Հարբած եք, բեյբի։ Ո՞վ ինձ հարբեցրեց։ Ես հարբեցրի, ասաց մայորը։ Ես հարբեցրի, որովհետև սիրում եմ ձեզ և որովհետև Ամերիկան պատերազմի մեջ մտավ։ Էլ տեղ չկա, ասացի ես։ Առավոտյան եք գնում, բեյբի, ասաց Ռինալդին։ Հռոմ, ասացի ես։ Ոչ, Միլան։ Միլան, ասաց մայորը, Կրիստալ Պալաս, Չովա, Կամպարի, Բիֆֆի, Galleria: Բախտավոր տղա։ Գրան Իտալիա, ասացի ես, որտեղ  Ջորջից պարտք եմ առնելու։ Լա Սկալա, ասաց Ռինալդին։ Լա Սկալա եք գնալու։ Ամեն գիշեր, ասացի ես։ Ամեն գիշեր չեք կարող, ասաց մայորը, փողը չի հերիքի։ Տոմսերը թանկ են։ Պապիս անունով ներկայացնողական չեկ կգրեմ, ասացի ես։ Ի՞նչ։ Ներկայացնողական չեկ։ Կամ նա կվճարի, կամ ինձ կբանտարկեն։ Միստր Քանինգհեմը կհաջողեցնի բանտում։ Ես ներկայացնողական չեկերով եմ ապրում։ Մի՞թե իմ պապը թույլ կտա բանտարկելու իր հայրենասեր թոռնիկին, որը մեռնում է, որպեսզի Իտալիա՞ն ապրի։ Կեցցե ամերիկյան Գարիբալդին, ասաց Ռինալդին։ Կեցցեն ներկայացնողական չեկերը, ասացի ես։ Պետք չէ աղմկել, ասաց մայորը։ Արդեն մի քանի անգամ խնդրել էին չաղմկել։ Իսկապե՞ս վաղը գնում եք, Ֆեդերիկո։ Բա չասացի՞, որ ամերիկյան հիվանդանոց է գնում, պատասխանեց Ռինալդին։ Գեղեցիկ հիվանդապահուհիների մոտ։ Ոչ թե զինվորական հիվանդանոցի այս մորուքավոր բուժակների։ Այո, այո, ասաց մայորը, գիտեմ, որ ամերիկյան հիվանդանոց է գնում։ Մորուքներն ինձ չեն խանգարում, ասացի ես։ Ում ինչ գործն է, եթե որևէ մեկն ուզում է մորուք թողնել։ Ինչո՞ւ մորուք չեք թողնում, signor maggiore: Հակագազի մեջ չի տեղավորվի։ Կտեղավորվի։ Հակագազի մեջ ամեն ինչ կտեղավորվի։ Ես մի անգամ փսխել եմ հակագազի մեջ։ Այդքան բարձր մի խոսեք, բեյբի, ասաց Ռինալդին։ Բոլորս էլ գիտենք, որ ճակատում եք եղել։ Օ, իմ լավ բեյբի։ Ի՞նչ եմ անելու առանց ձեզ։ Գնանք, ժամանակն է, ասաց մայորը։ Թե չէ արդեն սենտիմենտալ եք դառնում։ Լսեք, մի հաճելի անակնկալ ունեմ ձեզ համար։ Ձեր անգլուհին։ Հիշո՞ւմ եք։ Նա, ում համար ամեն գիշեր անգլիական հիվանդանոց էիք գնում։ Նա էլ է Միլան գնում։ Նա և մի ուրիշ բուժքույր գնում են ամերիկյան հիվանդանոցում աշխատելու։ Ամերիկայից դեռ հիվանդապահներ չեն եկել։ Այսօր խոսել եմ նրանց riparto-յի պետի հետ։ Այստեղ, ճակատում շատ կանայք կան։ Մի քանիսին ետ են ուղարկում։ Հը, ի՞նչ կարծիքի եք, բեյբի։ Լավ է, չէ՞։ Մեծ քաղաքում եք ապրելու և սիրաբանելու եք անգլուհու հետ։ Դե ինչու ե՛ս չվիրավորվեցի։ Դեռ կհասցնեք, ասացի ես։ Գնանք, ասաց մայորը, խմում, աղմկում և խանգարում ենք Ֆեդերիկոյին։ Մի գնացեք։ Չէ, ժամանակն է։ Ցտեսություն։ Բարի ճանապարհ։ Ciao: Ciao: Շուտ վերադարձեք, բեյբի։ Ռինալդին համբուրեց ինձ։ Լիզոլի հոտ է գալիս ձեզանից։ Ցտեսություն, բեյբի։ Ցտեսություն։ Մայորը թփթփացրեց ուսիս։ Նրանք ոտքերի մատների վրա դուրս եկան։ Զգացի, որ շատ եմ հարբել, բայց և այնպես քնեցի։
 +
 +
Հաջորդ առավոտյան մեկնեցինք Միլան և ուղիղ քառասունութ ժամից տեղ հասանք։ Տհաճ ճամփորդություն էր։ Մեստրե չհասած, երկար կանգ առանք պահեստային ռելսերի վրա, և մի քանի երեխաներ մոտեցան ու նայեցին պատուհանից։ Տղաներից մեկին ուղարկեցի, որ կոնյակ բերի, բայց նա վերադարձավ ու ասաց, որ միայն գրապպա կա։ Ասացի, թող գրապպա լինի, ու երբ բերեց շիշը, մանրը թողեցի նրան։ Ես ու հարևանս մի լավ խմեցինք ու հարբեցինք և մինչև Վիչենցա քնով անցակացրինք։ Վիչենցայում արթնացա և հենց հատակի վրա էլ փսխեցի։ Դա ոչ մի նշանակություն չուներ, որովհետև հարևանս մի քանի անգամ արդեն փսխել էր հատակին։ Հետո մտածեցի, որ մեռնելու եմ ծարավից, և Վերոնայի կայարանում ձայն տվի մի զինվորի, որը ետ ու առաջ էր քայլում գնացքի առջև, ու նա ջուր բերեց ինձ համար։ Արթնացրի հարևանիս, Ժորժետիին, որը հարբել էր ինձ հետ, և ջուր առաջարկեցի։ Ասաց, որ ջուրը ուսերին թափեմ, ու նորից քուն մտավ։ Զինվորը փող չվերցրեց և մսոտ մի նարինջ տվեց ինձ։ Ծծում էի նարինջը, թքում կեղևները և դիտում, թե ինչպես էր զինվորը ետ ու առաջ քայլում դիմացի բեռնատար գնացքի առջև։ Քիչ անց գնացքը ցնցվեց ու շարժվեց։
 +
 +
 +
=Գիրք երկրորդ=
 +
 +
==Գլուխ 13==
 +
 +
Վաղ առավոտյան Միլան հասանք, և մեզ իջեցրին բեռնատար կայարանում։ Սանիտարական մեքենան ինձ տարավ ամերիկյան հիվանդանոց։ Պատգարակին պառկած, չէի կարողանում կողմոնորշվել, թե որ փողոցներով էինք անցնում, բայց երբ պատգարակը դուրս հանեցին, տեսա շուկայի հրապարակը, գինետան մի բաց դուռ և հատակը ավլող մի աղջկա։ Փողոցները ջրում էին, և վաղ առավոտվա հոտ էր գալիս։ Սանիտարները պատգարակը դրեցին գետնին ու ներս մտան։ Հետո վերադարձան դռնապանի հետ։ Նա մոխրագույն բեղեր ուներ, դրել էր դռնապանի գլխարկ, բայց սպասազգեստ չէր հագել։ Պատգարակը չէր տեղավորվում վերելակի մեջ, և նրանք սկսեցին վիճել, թե որն էր ավելի հարմար, պատգարակից ինձ հանել ու վերելակո՞վ տեղափոխել, թե՞ պատգարակը աստիճաններով բարձրացնել։ Ես լսում էի նրանց վեճը։ Որոշեցին՝ վերելակով։ Ինձ իջեցրին պատգարակից։
 +
 +
― Կամա՛ց, կամա՛ց, ― ասացի ես։ ― Զգույշ։
 +
 +
Վերելակում նեղվածք էր, ու երբ ոտքերս ծալվեցին, սաստիկ ցավ զգացի։
 +
 +
― Ուղղեք ոտքերս, ― ասացի ես։
 +
 +
― Չենք կարող, signor tenente։ Տեղ չկա։
 +
 +
Նա մի ձեռքով բռնել էր ինձ, իսկ ես գրկել էի նրա վիզը։ Նրանից սխտորի և կարմիր գինու մետաղե հոտ էր գալիս։
 +
 +
― Զգույշ, զգույշ, ― ասաց մյուս սանիտարը։
 +
 +
― Շան որդի, բա զգույշ չե՞մ։
 +
 +
― Ասում եմ զգույշ, ― կրկնեց իմ ոտքերից բռնած սանիտարը։
 +
 +
Տեսա, թե ինչպես վերելակի փեղկերը փակվեցին, ցանցապատ դուռը շրխկաց, և դռնապանը սեղմեց չորրորդ հարկի կոճակը։ Նա մտահոգ տեսք ուներ։ Վերելակն սկսեց դանդաղ բարձրանալ։
 +
 +
― Ծանր չե՞մ, հարցրի ես սանիտարին, որից սխտորի հոտ էր փչում։
 +
 +
― Ոչինչ, ― ասաց նա։
 +
 +
Դեմքը քրտինքով էր ծածկվել, և նա տնքում էր։
 +
 +
Վերելակն անընդհատ բարձրանում էր, ու ի վերջո կանգ առավ։ Ոտքերիցս բռնած սանիտարը բաց արեց դուռը և դուրս եկավ։ Հիմա մենք հարթակի վրա էինք։ Հարթակի շուրջը պղնձե բռնակներով դռներ կային։ Ոտքերիցս բռնած մարդը ինչ֊որ կոճակ սեղմեց։ Դռան մյուս կողմից զանգի ձայն լսվեց։ Բայց ոչ ոք չմոտեցավ։ Դռնապանը բարձրացավ աստիճաններով։
 +
 +
― Ո՞ւր են գնացել, ― հարցրին սանիտարները։
 +
 +
― Չգիտեմ, ― ասաց դռնապանը։ ― Նրանք ներքևում են քնում
 +
 +
― Կանչեցեք որևէ մեկին։
 +
 +
Դռնապանը սեղմեց զանգի կոճակը, հետո խփեց դուռը, հետո բաց արեց ու ներս մտավ։ Վերադարձավ ակնոցավոր տարեց մի կնոջ հետ։ Կնոջ մազերը գզգզված էին, սանրվածքը կիսով չափ քանդվել էր, նա հիվանդապահուհու զգեստ էր հագել։
 +
 +
― Չեմ հասկանում, ― ասաց նա։ ― Իտալերեն չեմ հասկանում։
 +
 +
― Անգլերեն գիտեմ, ― ասացի ես։ ― Ինձ պետք է տեղավորել։
 +
 +
― Դեռ ոչ մի սենյակ պատրաստ չէ։ Մենք ոչ ոքի չենք սպասում։
 +
 +
Նա աշխատում էր կարգի բերել մազերը և, կարճատես աչքերը կկոցած, ինձ էր նայում։
 +
 +
― Որևէ սենյակ ցույց տվեք, որ նրանք կարողանան տեղավորել ինձ։
 +
 +
― Չգիտեմ, ― ասաց նա։ ― Մենք ոչ ոքի չենք սպասում։ Չեմ կարող պատահական սենյակ տալ ձեզ։
 +
 +
― Ինձ համար բոլոր սենյակներն էլ միևնույն են։ ― Հետո իտալերեն դիմեցի դռնապանին։ ― Ազատ սենյակ փնտրեցեք։
 +
 +
― Բոլորն էլ ազատ են, ― ասաց դռնապանը։ Դուք առաջին վիրավորն եք։ ― Գլխարկը բռնած, նայում էր հիվանդապահուհուն։
 +
 +
― Ի սեր աստծո, տեղավորեք ինձ։
 +
 +
Ծալված վիճակում ոտքերիս ցավը հետզհետե սաստկանում էր, ու ես զգում էի, թե ինչպես էր թափանցում ոսկորներիս մեջ։ Դռնապանը սենյակ մտավ, և սպիտակահեր հիվանդապահուհին հետևեց նրան։ Շտապ վերադարձավ։
 +
 +
― Ինձ հետ եկեք, ― ասաց դռնապանը։
 +
 +
Ինձ տարան մի երկար միջանցքով ու մտցրին փակ վարագույրներով մի սենյակ։ Նոր կահույքի հոտ էր գալիս։ Մի մահճակալ կար և հայելիով զգեստապահարան։ Ինձ պառկեցրին մահճակալի վրա։
 +
 +
― Չեմ կարող սավան տալ, ― ասաց կինը։ ― Սավանները փակի տակ են։
 +
 +
Ես այլևս չխոսեցի նրա հետ։
 +
 +
― Գրպանումս փող կա, ― ասացի դռնապանին։ ― Կոճկված գրպանումս։
 +
 +
Դռնապանը հանձնեց փողը։
 +
 +
Սանիտարները, գլխարկները բռնած, կանգնել էին մահճակալի մոտ։
 +
 +
― Հինգական լիրա տվեք նրանց։ Հինգն էլ՝ ձեզ։ Թղթերս մյուս գրպանում են։ Հիվանդապահուհուն հանձնեք։
 +
 +
Սանիտարները պատիվ տվին ու շնորհակալություն հայտնեցին։
 +
 +
― Ցտեսություն, ― ասացի։ ― Ես էլ եմ շնորհակալ։
 +
 +
Նրանք նորից պատիվ տվին ու հեռացան։
 +
 +
― Այս թղթերում իմ հիվանդության պատմությունն է, ― ասացի ես, ― այն բուժումները, որ ստացել եմ արդեն։
 +
 +
Կինը վերցրեց թղթերն ու փորձեց ակնոցով կարդալ։ Երեք թուղթ էր, իրար վրա դասավորված։
 +
 +
― Չգիտեմ ինչ անել, ― ասաց նա։ ― Իտալերեն չեմ հասկանում։ Առանց բժշկի հրահանգի ոչինչ չեմ կարող անել։ ― Լաց եղավ ու թղթերը դրեց գոգնոցի գրպանը։ Ապա հարցրեց արցունքների միջից, ― ամերիկացի՞ եք։
 +
 +
― Այո։ Եթե կարելի է, թղթերը մահճակալի կողքի սեղանին դրեք։
 +
 +
Սենյակը կիսամութ էր և զով։ Մահճակալից երևում էր զգեստապահարանի մեծ հայելին, բայց անհնար էր տեսնել, թե ինչ էր արտացոլում։ Դռնապանը կանգնել էր մահճակալի մոտ։ Նա շատ բարի էր ու համակրելի։
 +
 +
― Կարող եք գնալ, ― ասացի նրան։ ― Դուք էլ, ― ասացի հիվանդապահուհուն։ ― Ի՞նչ է ձեր անունը։
 +
 +
― Միսսիս Ուոքեր։
 +
 +
― Կարող եք գնալ, միսսիս Ուոքեր։ Կփորձեմ քնել։
 +
 +
Մենակ էի սենյակում։ Զով էր, և հիվանդանոցի հոտ չկար։ Ներքնակը պինդ էր և հարմարավետ, ու ես անշարժ պառկել էի, գրեթե պահել շուչնս, ու երջանիկ էի, որ ցավը հետզհետե մեղմանում է։ Մի քիչ անց խմել ուզեցի, գլխավերևումս մի զանգ տեսա և քաշեցի թելը, բայց ոչ ոք չեկավ։ Քնեցի։
 +
 +
Երբ արթնացա, նայեցի շուրջս։ Փեղկերի արանքներից արևի ճառագայթներ էին սենյակ ընկել։ Տեսա մեծ զգեստապահարանը, մերկ պատերը և երկու աթոռ։ Կեղտոտ վիրակապերով փաթաթված ոտքերս գերանի նման ցցվել էին մահճակալի վրա։ Աշխատում էի չշարժել։ Ծարավ էի։ Մեկնեցի ձեռքս ու սեղմեցի զանգի կոճակը։ Լսեցի, թե ինչպես դուռը բացվեց, ու տեսա մի հիավանդապահուհու։ Նա երիտասարդ էր ու գեղեցիկ։
 +
 +
― Բարի լույս, ― ասացի ես։
 +
 +
― Բարի լույս, ― ասաց նա ու մոտեցավ մահճակալիս։ ― Չկարողացանք բժիշկ կանչել։ Կոմո է գնացել։ Չգիտեինք, որ հիվանդ են բերելու։ Իսկ ի՞նչ է պատահել ձեզ։
 +
 +
― Վիրավորված եմ։ Ծնկներից ու թաթերից։ Գլխից էլ։
 +
 +
― Ի՞նչ է ձեր անունը։
 +
 +
― Հենրի։ Ֆրեդերիկ Հենրի։
 +
 +
― Ես հիմա կլվամ ձեզ։ Բայց մինչև բժշկի գալը վիրակապերին չենք կարող ձեռք տալ։
 +
 +
― Միսս Բարկլին այստե՞ղ է։
 +
 +
― Ոչ։ Այդպիսի անունով մարդ չունենք։
 +
 +
― Ո՞վ էր այն կինը, որը լաց էր լինում, երբ ինձ բերեցին։
 +
 +
Հիվանդապահուհին ծիծաղեց։
 +
 +
― Միսսիս Ուոքերն էր։ Հերթապահ էր գիշերը, քունը տարել է։ Չէր սպասում, որ հիվանդ կբերեն։
 +
 +
Խոսելիս նա միաժամանակ նայում էր ինձ, ու երբ բացի վիրակապերից, ամեն ինչ հանեց, սկսեց վարժ ու թեթև շարժումներով լվանալ մարմինս։ Դա ինձ շատ թարմացրեց։ Գլուխս վիրակապով էր փաթաթված, բայց նա վիրակապի շուրջը ևս լվաց։
 +
 +
― Որտե՞ղ եք վիրավորվել։
 +
 +
― Իզոնցոյում։ Պլավայից հյուսիս։
 +
 +
― Իսկ դա որտե՞ղ է։
 +
 +
― Գոիրցիայից հյուսիս։
 +
 +
Տեսա, որ ոչ մի տեղեկություն չուներ այդ վայրերի մասին։
 +
 +
― Շա՞տ է ցավում։
 +
 +
― Ոչ։ Հիմա այնքան էլ չի ցավում։
 +
 +
Նա ջերմաչափ դրեց բերանս։
 +
 +
― Իտալացիները թևի տակ են դնում, ― ասացի ես։
 +
 +
― Մի խոսեք։
 +
 +
Հանեց ջերմաչափը, նայեց ու թափ տվեց։
 +
 +
― Ինչքա՞ն է ջերմությունս։
 +
 +
― Իրավունք չունեմ ասելու։
 +
 +
― Ոչինչ, ասեք։
 +
 +
― Գրեթե նորմալ է։
 +
 +
― Երբեք տաքություն չեմ ունեցել։ Ոտքերս հին մետաղով են լցված։
 +
 +
― Այսի՞նքն։
 +
 +
― Այնտեղ արկի բեկորներ էլ կա, հին մեխեր էլ կան, մահճակալի զսպանակ էլ, մի խոսքով, ինչ ասես կա։
 +
 +
Նա շարժեց գլուխը և ժպտաց։
 +
 +
― Եթե ձեր ոտքերում թեկուզ մի օտար մարմին լիներ, բորբոքում կստանայիք և անմիջապես կբարձրանար ձեր ջերմաստիճանը։
 +
 +
― Դե լավ, ― ասացի ես։ ― Վիրահատության ժամանակ կտեսնենք։
 +
 +
Նա դուրս եկավ սենյակից և վերադարձավ տարեց հիվանդապահուհու հետ, որը հերթապահել էր գիշերը։ Առանց ինձ տեղից շարժելու, երկուսով կարգի բերին անկողինը։ Դա նորություն էր ինձ համար, և նրանք այդ բանն անում էին զարմանալի ճարպկությամբ։
 +
 +
― Ո՞վ է հիվանդանոցի վարիչը։
 +
 +
― Միսս Վան Քամփենը։
 +
 +
― Քանի՞ հիվանդապահուհի ունեք։
 +
 +
― Միայն երկուսս ենք։
 +
 +
― Իսկ նոր հիվանդապահուհիներ չե՞ն գալու։
 +
 +
― Մի քանի հոգի։
 +
 +
― Իսկ ե՞րբ։
 +
 +
― Չգիտեմ։ Հիվանդը իրավունք չունի այդքան հետաքրքրասեր լինելու։
 +
 +
― Ես հիվանդ չեմ, ― ասացի, ― ես վիրավոր եմ։
 +
 +
Անկողինն արդեն կարգի էր բերված, և հիմա ես պառկած էի մաքուր ու թարմ սավանի վրա, նույնպիսի մի սավանով էլ ինձ էին ծածկել։ Միսսիս Ուոքերը գնաց գիշերազգեստ բերեց։ Հագցրին, և ես ինձ ապահով ու մաքուր զգացի։
 +
 +
― Դուք չափազանց սիրալիր եք, ― ասացի ես։
 +
 +
Հիվանդապահուհին, որի անունն էր միսս Գեյջ, քմծիծաղ տվեց։
 +
 +
― Մի բաժակ ջուր չէի՞ք տա, ― խնդրեցի ես։
 +
 +
― Հիմա։ Կարող եք նաև նախաճաշել։
 +
 +
― Չեմ ուզում նախաճաշել։ Եթե կարելի է, փեղկերը բացեք։
 +
 +
Կիսամութ էր, ու երբ փեղկերը բացեցին, սենյակը լցվեց արևի պայծառ լույսով, և ես մի պատշգամբ տեսա, պատշգամից այն կողմ՝ կղմինդրե տանիքներ և ծխնելույզներ։ Նայեցի տանիքների վրայով, տեսա ճերմակ ամպեր և շատ կապույտ մի երկինք։
 +
 +
― Չգիտե՞ք մյուս հիվանդապահուհիները երբ են գալու։
 +
 +
― Ինչո՞ւ եք անընդհատ հարցնում։ Ինչ է, գոհ չե՞ք մեզնից։
 +
 +
― Դուք շատ սիրալիր եք։
 +
 +
― Գուցե ձեզ միզամա՞ն է պետք։
 +
 +
― Վատ չէր լինի։
 +
 +
Նրանք ինձ բարձրացրին ու պահեցին, բայց պարզվեց, որ դա անօգուտ էր։ Հետո, պառկած նայում էի պատշգամբին։
 +
 +
― Ե՞րբ է գալու բժիշկը։
 +
 +
― Հենց որ վերադառնա։ Մենք Կոմո զանգահարեցինք և  ասացինք, որ գա։
 +
 +
― Ուրիշ բժիշկ չկա՞։
 +
 +
― Նա է հիվանդանոցի բժիշկը։
 +
 +
Միսս Գրեյջը բաժակ ու ջրաման բերեց։ Երեք բաժակ ջուր խմեցի։ Հետո նրանք գնացին, իսկ ես որոշ ժամանակ դուրս նայեցի պատուհանից ու նորից քնեցի։ Թեթև նախաճաշ կերա, որից հետո ինձ մոտ եկավ հիվանդանոցի վարիչը, միսս Վան Քամփենը։ Ես դուր չեկա նրան, նա էլ ինձ դուր չեկավ։ Կարճահասակ էր, չափած֊ձևած, կասկածամիտ և իր դիրքից շատ գոհ։ Բազմաթիվ հարցեր տվեց և, ըստ երևույթին, ամոթալի բան էր համարում իտալական բանակում ծառայելը։
 +
 +
― Կարո՞ղ եմ ճաշին գինի խմել, ― հարցրի ես։
 +
 +
― Միայն բժշկի թույլտվությամբ։
 +
 +
― Իսկ մինչև նրա գա՞լը։
 +
 +
― Ոչ մի դեպքում։
 +
 +
― Կարծում եք, այնուամենայնիվ կգա՞։
 +
 +
― Զանգահարել ենք։
 +
 +
Նա դուրս եկավ, և միսս Գեյջը վերադարձավ։
 +
 +
― Ինչո՞ւ էիք այդքան կոպիտ խոսում միսս Վան Քամփենի հետ, ― հարցրեց նա այն բանից հետո, երբ ճարպկությամբ արեց այն ամենն, ինչ անհրաժեշտ էր ինձ։
 +
 +
― Չէի ուզում կոպիտ լինել։ Բայց շատ էր մեծամիտ։
 +
 +
― Նա ասաց, որ դուք պահանջկոտ եք և կոպիտ։
 +
 +
― Ճիշտ չի ասել։ Բայց և այնպես, ի՞նչ է նշանակում հիվանդանոց առանց բժշկի։
 +
 +
― Նա գալու է։ Կոմո զանգահարեցին։
 +
 +
― Ի՞նչ է անում այնտեղ։ Լողնո՞ւմ է լճում։
 +
 +
― Ոչ։ Կլինիկա ունի։
 +
 +
― Ինչո՞ւ ուրիշ բժիշկ չեն հրավիրում։
 +
 +
― Ս֊ս֊ս֊ս․․․ Խելոք մնացեք և կգա։
 +
 +
Խնդրեցի դռնապանին կանչել, ու երբ նա եկավ, իտալերեն ասացի, որ գինեվաճառից մի շիշ չինցանո բերի, մի շիշ կիանտի  ու մի քանի երեկոյան թերթ։ Նա գնաց և թերթով փաթաթված երկու շիշ բերեց, ու ես խնդրեցի հանել խցանները և վերմուտն ու գինին մահճակալի տակ դնել։ Այլևս ոչ ոք սենյակ չմտավ, ու ես, անկողնում պառկած, թերթ էի կարդում․ լուրեր ռազմաճակատից, սպանված սպաների ու նրանց ստացած պարգևների ցուցակը։ Հետո իջեցրի ձեռքս, մահճակալի տակից վերցրի չինցանոյի սառը շիշը, դրեցի փորիս, և մաշկիս վրա օղակներ էին գոյանում։ Ու տեսնում էի, թե ինչպես քաղաքի տանիքների վրա երկինքն սկսում էր հեզհետե մթնել։ Տանիքների վրա ծիծեռնակներ էին թռչում և գիշերային ճուռակներ, իսկ ես հետևում էի նրանց թռիչքին ու չինցանո խմում։ Միսս Գեյջը շաքարով հարած ձվի դեղնուց տվեց ինձ։ Երբ ներս մտավ վերմուտի շիշը թաքցրի մահճակալի տակ։
 +
 +
― Միսս Վան Քամփենը խնդրեց, որ մի քիչ անդալուզյան գինի լցնեմ մեջը, ― ասաց նա։ ― Պետք չէ նրան կոպտել։ Նա արդեն երիտասարդ չէ և հիվանդանոցի վարիչ լինելն էլ մեծ պատասխանատվություն է նրա համար։ Միսսիս Ուոքերն  արդեն ծեր է, և նրանից օգուտ չկա։
 +
 +
― Հիանալի կին է, ― ասացի ես։ ― Շնորհակալություն հայտնեք նրան իմ կողմից։
 +
 +
― Ես հիմա ձեզ ընթրիք կբերեմ։
 +
 +
― Պետք չէ, ― ասացի ես։ ― Քաղցած չեմ։
 +
 +
Երբ նա բերեց սկուտեղը ու դրեց մահճակալի կողքի սեղանին, ես շնորհակալություն հայտնեցի ու մի քիչ կերա։ Հետո լրիվ մթնեց, ու ես տեսնում էի երկնքում թափառող լուսարձակների ճառագայթները։ Որոշ ժամանակ հետևեցի դրանց, իսկ հետո քնեցի։ Խորը քնեցի, միայն մի անգամ, քրտնած ու վախեցած, արթնացա, բայց հետո նորից քնեցի, փորձելով չվերհիշել երազս։ Լուսաբացից շատ կանուխ կրկին արթնացա ու լսեցի աքլորների կանչը ու մինչև լույս արթուն մնացի։ Դա ինձ շատ հոգնեցրեց, և երբ արդեն լուսացավ, դարձյալ քնեցի։
 +
 +
 +
==Գլուխ 14==
 +
 +
Պայծառ արև էր երբ արթնացա։ Ինձ թվաց, թե նորից ռազմաճակատում եմ, ու ձգվեցի ամբողջ մարմնով։ Վերքերս ցավեցին, նայեցի ոտքերիս ու, տեսնելով կեղտոտ վիրակապերը, հիշեցի, թե որտեղ եմ։ Ձեռքս մեկնեցի զանգին և սեղմեցի կոճակը։ Միջանցքից զանգի ձայն լսվեց, իսկ քիչ անց՝ ռետինե ներբանների վրա քսքստոց։ Միսս Գեյջն էր։ Արևի պայծառ լույսի տակ նա թվում էր ավելի մեծ և ոչ այնքան գեղեցիկ։
 +
 +
― Բարի լույս, ― ասաց նա։ ― Ինչպե՞ս անցկացրիք գիշերը։
 +
 +
― Լավ, շնորհակալություն, ― ասացի ես։ ― Հնարավո՞ր է վարսավիր կանչել։
 +
 +
― Ես մի անգամ էլ ներս մտա ու տեսա, որ սրանով եք քնել։
 +
 +
Բաց արեց զգեստապահարանի դուռը և ցույց տվեց վերմուտի շիշը։ Շիշը գրեթե դատարկ էր։
 +
 +
― Մյուս շիշն էլ վերցրի մահճակալի տակից ու այստեղ դրեցի, ― ասաց նա։ ― Ինչո՞ւ բաժակ չուզեցիք։
 +
 +
― Վախեցա, որ չեք թողնի խմել։
 +
 +
― Ես էլ կխմեի ձեզ հետ։
 +
 +
― Կեցցեք։
 +
 +
― Մենակ խմելը լավ չէ, ― ասաց նա։ ― Երբեք այդպիսի բան չանեք։
 +
 +
― Էլ չեմ անի։
 +
 +
― Ձեր ընկերուհին, միսս Բարկլին, եկել է արդեն, ― ասաց նա։
 +
 +
― Իսկապե՞ս։
 +
 +
― Այո։ Բայց դուր չեկավ ինձ։
 +
 +
― Դուր կգա։ Հիանալի աղջիկ է։
 +
 +
Նա շարժեց գլուխը։
 +
 +
― Չեմ կարծում։ Կարո՞ղ եք մի փոքր այս կողմ շարժվել։ Այ, այսպես։ Նախաճաշին պետք է մաքուր լինել։ ― Նա լվաց ինձ շորի կտորով, օճառով ու տաք ջրով։ ― Ձեռքը բարձրացրեք, ― ասաց նա։ ― Այ, այսպես։
 +
 +
― Հնարավոր չէ՞, որ վարսավիրը մինչև նախաճաշ գա։
 +
 +
― Հիմա կասեմ դռնապանին։ ― Դուրս եկավ ու շուտով վերադարձավ։ ― Գնաց կանչելու, ― ասաց նա և ձեռքի շորը մտցրեց ջրի մեջ։
 +
 +
Վարսավիրը եկավ դռնապանի հետ։ Մոտ հիսուն տարեկան էր, դեպի վեր ոլորած բեղերով։ Միսս Գեյջը վերջացրեց գործը ու հեռացավ, իսկ վարսավիրը օճառ քսեց դեմքիս ու սկսեց սափրել։ Նա իրեն շատ հանդիսավոր էր պահում և խուսափում էր խոսելուց։
 +
 +
― Ինչո՞ւ եք լռում։ Նոր լուրե՞ր չկա՞ն։ Հարցրի ես։
 +
 +
― Ի՞նչ լուր։
 +
 +
― Մեկ է։ Ի՞նչ է կատարվում քաղաքում։
 +
 +
― Պատերազն է, ― ասաց նա։ ― Թշնամին ամեն տեղ էլ ականջ ունի։
 +
 +
Ես նայեցի նրան։
 +
 +
― Խնդրում եմ չշարժել գլուխը, ― ասաց նա ու շարունակեց սափրել։ ― Ես ոչինչ չեմ ասի։
 +
 +
― Ի՞նչ է պատահել, ― հարցրի ես։
 +
 +
― Ես իտալացի եմ։ Գործ չունեմ թշնամու հետ։
 +
 +
Էլ ոչինչ չասացի։ Եթե խելքը թռցրել է, ուրեմն, որքան շուտ ազատվեմ ածելիից, այնքան լավ։ Մի անգամ փորձեցի ուշադիր նայել նրան։
 +
 +
― Զգույշ, ― ասաց նա։ ― Ածելին սուր է։
 +
 +
Երբ վերջացրեց, վճարեցի ինչ որ հարկն էր ու կես լիրա էլ ավել տվի։ Նա վերադարձրեց փողը։
 +
 +
― Չեմ վերցնի։ Ես ռազմաճակատում չեմ։ Բայց իտալացի եմ։
 +
 +
― Գրողի ծոցը կորեք։
 +
 +
― Ձեր թույլտվությամբ, ― ասաց նա և ածելիները փաթաթեց թերթի մեջ։ Ապա դուրս եկավ, մահճակալի կողքի սեղանին թողնելով հինգ պղնձադրամները։
 +
 +
Զանգ տվի։ Միսս Գեյջը ներս մտավ։
 +
 +
― Բարի եղեք կանչել դռնապանին։
 +
 +
― Խնդրեմ։
 +
 +
Դռնապանը եկավ։ Հազիվ էր զսպում ծիծաղը։
 +
 +
― Խենթ է, ինչ է այդ վարսավիրը։
 +
 +
― Ոչ, signorino: Սխալվեց։ Լավ չլսեց ինձ ու նրան թվաց, թե ես ասել եմ, որ դուք ավստրիացի սպա եք։
 +
 +
― Մեղա քեզ տեր, ― ասացի ես։
 +
 +
― Հա, հա, հա, ― ծիծաղում էր դռնապանը։ ― Այ քեզ զվարճալի մարդ։ Եթե մի փոքր էլ շարժվեր, ասում էր նա, ես նրան․․․ ու ցուցամատը քսեց կոկորդին։
 +
 +
― Հա, հա, հա, ― չէր կարողանում ծիծաղը զսպել։ ― Բա որ ասացի դուք ավստրիացի չեք․․․ հա, հա, հա․․․
 +
 +
― Հա, հա, հա, ― բարկացա ես։ Ինչ զվարճալի կլիներ, չէ՞, եթե կոկորդս կտրեր։ Հա, հա, հա։
 +
 +
― Ոչ, signorino: Ոչ, ոչ։ Սոսկալի վախենում էր ավստրիացուց։ Հա, հա, հա։
 +
 +
― Հա, հա, հա, ― ասացի ես։ ― Դուրս կորեք։
 +
 +
Գնաց, բայց միջանցքում էլ դեռ շարունակում էր ծիծաղել։ Ինչ֊որ ոտնաձայն լսվեց դռան ետևում։ Նայեցի դռանը։ Կետրին Բարկլին էր։
 +
 +
― Նա սենյակ մտավ ու մոտեցավ մահճակալին։
 +
 +
― Բարև սիրելիս, ― ասաց նա։
 +
 +
Ջահել էր, թարմ ու գեղեցիկ։ Մտածում էի, որ երբեք չեմ տեսել այդքան գեղեցիկ դեմք։
 +
 +
― Բարև, ― ասացի ես։
 +
 +
Հենց որ նրան տեսա, հասկացա, որ սիրահարված եմ։ Ամեն ինչ տակնուվրա եղավ իմ մեջ։ Նա նայեց դռան կողմը, տեսավ, որ մարդ չկա, հետո նստեց մահճակալի ծայրին, կռացավ ու համբուրեց ինձ։ Ես մոտեցրի նրան, համբուրեցի և զգացի, թե ինչպես է սիրտը խփում։
 +
 +
― Իմ լավ Կետրին, ― ասացի ես։ ― Ինչ ուրախ եմ, որ եկաք։
 +
 +
― Գալը հեշտ էր։ Մնալն է դժվար։
 +
 +
― Դուք պետք է մնաք, ― ասացի ես։ ― Դուք հրաշալի եք։
 +
 +
Կորցրել էի խելքս։ Չէի հավատում, որ նա իրոք իմ կողքին է, ու ես նրան ամուր սեղմեցի ինձ։
 +
 +
― Պետք չէ, ― ասաց նա։ ― Դուք դեռ չեք առողջացել։
 +
 +
― Առողջացել եմ։ Ինձ մոտ արի։
 +
 +
― Սիրո՞ւմ եք ինձ։
 +
 +
― Շատ եմ սիրում։ Կորցրել եմ խելքս։ Խնդրում եմ, արի։
 +
 +
― Լսո՞ւմ եք մեր սրտի զարկերը։
 +
 +
― Ինչի՞ս է պետք սիրտը։ Ես քեզ եմ ուզում։ Կորցրել եմ խելքս։
 +
 +
― Դուք իսկապե՞ս ինձ սիրում եք։
 +
 +
― Հերիք է այդ մասին խոսես։ Ինձ մոտ արի։ Կետրին, խնդրում եմ, շատ եմ խնդրում։
 +
 +
― Լավ․․․ Բայց միայն մի րոպեով։
 +
 +
― Լավ, ― ասացի ես։ ― Փակիր դուռը։
 +
 +
― Չի կարելի։ Հիմա չի կարելի։
 +
 +
― Արի։ Ոչինչ չասես։ Ինձ մոտ արի։
 +
 +
Կետրինը նստել էր մահճակալի կողքի բազկաթոռին։ Դուռը բաց էր։ Խենթությունն արդեն անցել էր, ու կյանքումս այսքան լավ չէի զգացել երբեք։
 +
 +
Նա հարցրեց․
 +
 +
― Հիմա հավատո՞ւմ ես, որ սիրում եմ քեզ։
 +
 +
― Դու շատ սիրելի ես, ― ասացի ես։ ― Այստեղ կմնաս։ Քեզ ոչ մի տեղ չեն տանի։ Ես սիրուց կորցրել եմ գլուխս։
 +
 +
― Մենք պետք է շատ զգույշ լինենք։ Մենք լրիվ կորցրել ենք մեզ։ Այդպես չի կարելի։
 +
 +
― Գիշերը կարելի է։
 +
 +
― Մենք պետք է շատ զգույշ լինենք։ Հատկապես կողմնակի մարդկանց մոտ։
 +
 +
― Զգույշ կլինեմ։
 +
 +
― Պետք է անպայման զգույշ լինես։ Դու լավն ես։ Սիրում ես ինձ, չէ՞։
 +
 +
― Էլ մի հարցրու։ Թե չէ բաց չեմ թողնի քեզ։
 +
 +
― Լավ, էլ չեմ հարցնի։ Դու պետք է բաց թողնես ինձ։ Իսկապես, արդեն պետք է գնամ, սիրելիս։
 +
 +
― Անմիջապես վերադարձիր։
 +
 +
― Հենց որ կարողանամ։
 +
 +
― Ցտեսություն։
 +
 +
― Ցտեսություն։
 +
 +
Նա դուրս եկավ։ Աստված է վկա, որ ես չէի ուզում նրան սիրահարվել։ Ոչ ոքի չէի ուզում սիրահարվել։ Բայց վկա է աստված, որ սիրահարված եմ և պառկած Միլանի հիվանդանոցի մահճակալին, և տարբեր մտքեր են պտտվում գլխումս, և վերջապես ներս մտավ միսս Գեյջը։
 +
 +
― Բժիշկը գալիս է, ― ասաց նա։ ― Կոմոյից զանգ տվեց։
 +
 +
― Ե՞րբ կլինի այստեղ։
 +
 +
― Երեկոյան կգա։
 +
 +
 +
==Գլուխ 15==
 +
 +
Մինչև երեկո ոչինչ չպատահեց։ Բժիշկը լռակյաց, նիհար մարդ էր, որին ինչպես երևում է, պատերազմը շատ գլխացավանք էր պատճառել։ Նրբակիրթ զզվանքով նա իմ ազդրից պողպատե մի քանի մանր բեկորներ հանեց։ Նա դիմեց տեղական անեստեզիայի օգնությանը, որը նաև կոչվում է «սառեցում» կամ դրա նման մի բան։ Անեստեզիան փայտացնում էր հյուսվածքները և վերացնում ցավը, մինչև որ վիրաչափը, վիրադանակը կամ նշտարը չանցնեին անզգայացած շերտից։ Կարելի էր շատ ճշգրիտ որոշել, թե որտեղ է այդ շերտը վերջանում, և շուտով բժշկի նրբազգացությունն սպառվեց, ու նա ասաց, որ ավելի լավ է ռենտգենի դիմել։ Վերաչափից բան դուրս չի գա, ասաց նա։
 +
 +
― Ռենտգենի կաբինետը գտնվում էր Ospedale Maggiore<ref>Գլխավոր հիվանդանոց (իտ․)։</ref>֊ում, և այնտեղի բժիշկը աղմկոտ, ուրախ և հմուտ մարդ էր։ Ռենտգեն նկարահանման ժամանակ հիվանդի թևրից էին բռնում, այնպես որ էկրանի վրա նա կարող էր ամենամեծ օտար մարմինները տեսնել։ Լուսանկարը հետո պիտի ուղարկեին։ Բժիշկը խնդրեց, որ իր ծոցատետրում գրեմ ազգանունս, գնդի անունը, համարը և որևէ բան՝ հիշատակի համար։ Նա հայտարարեց, որ յուրաքանչյուր օտար մարմին այլանդակ, գարշելի և վայրենի բան է։ Ավստրիացիները շան ծնունդ են։ Քանիսի՞ն եմ սպանել։ Ոչ ոքի չէի սպանել, բայց շատ էի ուզում նրան հաճույք պատճառել, դրա համար էլ ասացի անթիվ, անհամար։ Միսս Գեյջն ինձ հետ էր։ Բժիշկը գրկեց նրա մեջքը և ասաց, որ նա Կլեոպատրայից էլ գեղեցիկ է։ Հասկանալի՞ է։ Կլեոպատրան եգիպտական նախկին թագուհի է։ Աստված վկա, ավելի գեղեցիկ է։ Սանիտարական մեքենայով վերադարձանք հիվանդանոց և որոշ ժամանակ անց, մի պատգարակից մյուսը տեղափոխելով, ինձ վերջապես տեղ հասցրին ու դրեցին անկողինս։ Ճաշից հետո բերեցին ռենտգենի լուսանկարները։ Բժիշկը խոստացել էր, որ, աստված վկա, ճաշից հետո կուղարկի դրանք և, ահա, կատարել էր խոստումը։ Կետրին Բարկլին լուսանկարները հանեց կարմիր ծրարներից, ցույց տվեց ինձ, ու մենք նայեցինք լույսի տակ։
 +
 +
― Սա աջ ոտքն է, ― ասաց նա, ու լուսանկարը դրեց ծրարի մեջ։ ― Իսկ սա՝ ձախը։
 +
 +
― Մի կողմ գցիր, ― ասացի ես, ― և ինձ մոտ արի։
 +
 +
― Չեմ կարող, ― ասաց նա։ ― Ես միայն մի րոպեով եմ եկել, որպեսզի նկարները ցույց տամ։
 +
 +
Նա գնաց, ու ես մենակ մնացի։ Շոգ էր, իսկ անկողնում պառկելը՝ ձանձրալի։ Դռնապանին խնդրեցի գնալ և թերթ գնել, բոլո՛ր թերթերը, ինչ որ պատահեր։
 +
 +
Մինչ նա կվերադառնար, երեք բժիշկ մտան սենյակ։ Նկատել եմ, որ փորձառություն չունեցող բժիշկները, հակված են միմյանց օգնության դիմելու և խորհրդակցելու։ Եթե որևէ բժիշկ անկարող է կույր աղիքի հասարակ վիրահատություն անել, քեզ անպայման կուղարկի մեկ ուրիշի մոտ, որը նշագեղձ անգամ չի կարող հեռացնել։ Այս բժիշկներն էլ այդպիսին էին։
 +
 +
― Ահա մեր երիտասարդը, ― ասաց հիվանդանոցի նրբակիրթ շարժումներով բժիշկը։
 +
 +
Երրորդը, որ բռնել էր կարմիր ծրարների մեջ դրված ռենտգենի լուսանկարները, ոչինչ չասաց։
 +
 +
― Հանե՞նք վիրակապերը, ― հարցրեց մորուքավոր բժիշկը։
 +
 +
― Անշուշտ։ Խնդում ենք հանեք վիրակապերը, ― հիվանդանոցի բժիշկն ասաց միսս Գեյջին։
 +
 +
Միսս Գեյջը հանեց վիրակապերը։ Նայեցի ոտքերիս։ Դաշտային հոսպիտալում ոտքերս նման էին ոչ այնքան թարմ խորոված երշիկի։ Հիմա մաշկի վրա կեղև էր պատել, ծունկս ուռել էր ու գունազրկվել, սրնքամիսս՝ կակղել, բայց թարախ չէր գալիս։
 +
 +
― Շատ մաքուր է, ― ասաց հիվանդանոցի բժիշկը, ― լավ է, շատ մաքուր է։
 +
 +
― Հըմ, ― ասաց մորուքավոր բժիշկը։
 +
 +
Երրորդը նայում էր հիվանդանոցի բժշկի ուսի վրայից։
 +
 +
― Խնդրում եմ ծալեք ծունկը, ― ասաց մորուքավորը։
 +
 +
― Չեմ կարող։
 +
 +
― Չստուգե՞նք՝ հոդերն ինչպես են գործում, ― հարցրեց մորուքավոր բժիշկը։ Թևի վրա, բացի երեք աստղից, մի երիզ էլ կար։ Դա նշանակում է, որ կապիտանի կոչում ուներ։
 +
 +
― Անշուշտ, ― ասաց հիվանդանոցի բժիշկը։
 +
 +
Երկուսով զգուշությամբ բռնեցին աջ ոտքս ու սկսեցին ծալել։
 +
 +
― Ցավում է, ― ասացի ես։
 +
 +
― Ըհը, ըհը։ Մի քիչ էլ բժիշկ։
 +
 +
― Բավական է։ Էլ չի ծալվի, ― ասացի ես։
 +
 +
― Ուրեմն, հոդերը լրիվ չեն գործում, ― ասաց մորուքավորը և ուղղեց մարմինը։ ― Բժիշկ, կարելի՞ է լուսանկարները նորից նայել։
 +
 +
Երրորդ բժիշկը կարմիր ծրարներից մեկը տվեց նրան։
 +
 +
― Ոչ։ Խնդրում եմ ձախ ոտքը։
 +
 +
― Ձախն է, բժիշկ։
 +
 +
― Ճիշտ է, ճիշտ է։ Ուրիշ կողմից էի նայում։ ― Վերադարձրեց լուսանկարը։ Իսկ մյուսը մի քանի րոպե զննեց։ ― Տեսնո՞ւմ եք, բժիշկ։ ― Ցույց տվեց օտար մարմիններից մեկը, որը լույսի տակ երևում էր պարզ ու որոշակի։
 +
 +
Նրանք ևս մի քանի րոպե զննեցին լուսանկարը։
 +
 +
― Կարող եմ միայն մի բան ասել, ― ասաց կապիտանի աստիճանով մորուքավոր բժիշկը։ ― Ժամանակի հարց է սա։ Երեք ամիս, գուցե և վեց։
 +
 +
― Անկասկած։ Չէ՞ որ ձուսպային հեղուկը պետք է նորից հավաքվի։
 +
 +
― Անկասկած։ Ժամանակի հարց է։ Խղճիս դեմ գործած կլինեի, եթե մինչ բեկորի շուրջ թաղանթ կազմելը, ծունկը վիրահատեի։
 +
 +
― Լիովին բաժանում եմ ձեր կարծիքը, բժիշկ։
 +
 +
― Ինչի՞ համար վեց ամիս, ― հարցրի ես։
 +
 +
― Որպեսզի բեկորի շուրջը թաղանթ կազմվի և հնարավոր լինի անվտանգ վիրահատել ծունկը։
 +
 +
― Չեմ հավատում դրան, ― ասացի ես։
 +
 +
― Երիտասարդ, դուք ուզո՞ւմ եք ձեր ոտքը պահպանել։
 +
 +
― Ոչ, ― ասացի ես։
 +
 +
― Ի՞նչ։
 +
 +
― Ուզում եմ, որ կտրեք ոտքս, ― ասացի ես, ― այնպես որ հնարավոր լինի կեռիկ ամրացնել։
 +
 +
― Ի՞նչ եք ուզում ասել։ Կեռի՞կ։
 +
 +
― Կատակ է անում, ― ասաց հիվանդանոցի բժիշկը և նրբավարի թփթփացրեց ուսիս։ ― Նա ուզում է պահպանել ոտքը։ Շատ խիզախ երիտասարդ է։ Խիզախության համար արծաթե մեդալի է ներկայացված։
 +
 +
― Ի սրտե շնորհավորում եմ, ― ասաց մորուքավորը և սեղմեց ձեռքս։ ― Ես միայն ուզում եմ ասել, որ ավելի անվտանգ կլինի, եթե գոնե վեց ամիս սպասենք, հետո վիրահատության գնաք։ Ինչ խոսք, որ դուք կարող եք այլ կարծիքի լինել։
 +
 +
― Շնորհակալ եմ, ― ասացի ես։ ― Ինձ համար թանկ է ձեր կարծիքը։
 +
 +
Մորուքավորը նայեց ժամացույցին։
 +
 +
― Պետք է գնալ, ― ասաց նա։ ― Հաջողություն եմ ցանկանում։
 +
 +
― Ձեզ էլ հաջողություն և շնորհակալություն, ― ասացի ես։
 +
 +
Սեղմեցի երրորդ բժշկի ձեռքը։ Capitano Varini ― tenente Enry, ու նրանք դուրս եկան սենյակից։
 +
 +
― Միսս Գեյջ, ― կանչեցի ես։ Նա ներս մտավ։ ― Խնդրում եմ, մի րոպեով հրավիրեք բժշկին։
 +
 +
Բժիշկը եկավ և, գլխարկը ձեռքին, կանգնեց մահճակալի մոտ։
 +
 +
― Խնդրել եք կանչե՞լ ինձ։
 +
 +
― Այո։ Ես չեմ կարող վեց ամիս վիրահատության սպասել։ Աստված իմ, պատահե՞լ է, որ վեց ամիս պառկեք անկողնում։
 +
 +
― Ինչո՞ւ անկողնում։ Սկզբում վերքերը պետք է արևի տակ պահել։ Իսկ հետո արդեն կարող եք հենակներով քայլել։
 +
 +
― Վեց ամիս և նոր միայն վիրահատությո՞ւն։
 +
 +
― Դա միակ ապահով ելքն է։ Պետք է սպասել, մինչև որ օտար մարմինների շուրջը թաղանթ գոյանա և ձուսպային հեղուկը կրկին հավաքվի։ Միայն դրանից հետո կարելի է հանգիստ վիրահատել։
 +
 +
― Իսկ դուք վստա՞հ եք, որ պետք է այդքան երկար սպասել։
 +
 +
― Դա միակ ապահով ելքն է։
 +
 +
― Ո՞վ էր կապիտանի աստիճանով բժիշկը։
 +
 +
― Միլանի հայտնի վիրաբույժներից մեկն է։
 +
 +
― Կապիտան է, չէ՞։
 +
 +
― Այո, բայց շատ լավ վիրաբույժ է։
 +
 +
― Չեմ ուզում, որ ինչ֊որ կապիտան քչփորի ոտքս։ Եթե իսկապես լավ վիրաբույժ է, մայոր կդառնար։ Գիտեմ, թե կապիտանն ինչ արժե, բժիշկ։
 +
 +
― Շատ լավ վիրաբույժ է, ու ես նրա կարծիքի հետ ավելի եմ հաշվի նստում, քան ուրիշ որևէ մեկի։
 +
 +
― Հնարավո՞ր է ուրիշ վիրաբույժի կանչել։
 +
 +
― Եթե ուզում եք, իհարկե։ Բայց ձեր տեղը լինեի, կհետևեի բժիշկ Վարելլայի խորհրդին։
 +
 +
― Կարո՞ղ եք ուրիշ վիրաբույժ հրավիրել։
 +
 +
― Կարելի է Վալենտինիին հրավիրել։
 +
 +
― Ո՞վ է Վալենտինին։
 +
 +
― Ospedale Maggiore-ի վիրաբույժներից է։
 +
 +
― Լավ։ Շատ երախտապարտ կլինեմ ձեզ։ Հասկանում եք, բժիշկ, չեմ կարող վեց ամիս անկողնին գամվել։
 +
 +
― Ինչո՞ւ անկողնին։ Սկզբում արևի լոգանք կընդունեք։ Հետո կանցնեք թեթև վարժությունների։ Իսկ երբ թաղանթ գոյանա, կվիրահատենք։
 +
 +
― Բայց չեմ կարող վեց ամիս սպասել։
 +
 +
Բժիշկը նրբակիրթ շարժումներով շոյեց գլխարկը ու ժպտաց։
 +
 +
― Այդքան շտապո՞ւմ եք ճակատ վերադառնալ։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ ոչ։
 +
 +
― Հիանալի է, ― ասաց նա։ ― Ազնիվ երիտասարդ եք։ ― Կռացավ ու շատ նրբավարի համբուրեց ճակատս։ ― Կկանչեմ Վալենտինիին։ Մի անհանգստացեք և մի հուզվեք։ Խելոք մնացեք։
 +
 +
― Ուզո՞ւմ եք խմել, ― հարցրի ես։
 +
 +
― Շնորհակալություն։ Չեմ խմում։
 +
 +
― Գոնե մի բաժակ։
 +
 +
Զանգեցի, որպեսզի դռնապանը բաժակ բերի։
 +
 +
― Ոչ, ոչ, շնորհակալություն։ Ինձ սպասում են։
 +
 +
― Ցտեսություն, ― ասացի ես։
 +
 +
― Ցտեսություն։
 +
 +
Երկու ժամից սենյակ մտավ բժիշկ Վալենտինին։ Շատ էր շտապում, և բեղի ծայրերը ցցվել էին։ Մայորի աստիճան ուներ, դեմքն արևակեզ էր, և նա անընդհատ ծիծաղում էր։
 +
 +
― Էս ո՞նց եք հաջողեցրել, ― հարցրեց նա։ ― Ապա տվեք լուսանկարները։ Ըհը։ Ա՜յ թե ինչ։ Երևում է, որ ցուլի պես առողջ եք։ Ո՞վ է այս գեղեցիկ աղջիկը։ Ձեր սիրուհի՞ն։ Այդպես էլ գիտեի։ Գարշելի բան է պատերազմը։ Այստեղ ցավո՞ւմ է։ Ապրեք։ Կկարկատենք, կնորոգենք։ Իսկ այստե՞ղ։ Ցավո՞ւմ է։ Այն էլ ինչպե՜ս։ Այս բժիշկ կոչվածները ինչքան են սիրում ցավ պատճառել։ Իսկ մինչև հիմա ի՞նչ բուժում եք ստացել։ Այս աղջիկն իտալերեն գիտե՞։ Պետք է սովորեցնել։ Հոյակապ աղջիկ է։ Օրինակ, ես հաճույքով կսովորեցնեի։ Հենց այս հիվանդանոցում էլ կպառկեմ։ Չէ, ավելի լավ է նրա բոլոր ծննդաբերությունների ժամանակ ձրի մանկաբարձ լինել։ Հասկանո՞ւմ է, թե ինչ եմ ասում։ Նա ձեզ համար մի լավ տղա կբերի։ Իր նման շիկահեր։ Այսպես, լավ է։ Շատ լավ է։ Հոյակապ աղջիկ է։ Հարցրեք, չի՞ համաձայնի ինձ հետ ընթրել։ Չէ, ես չեմ ուզում նրան ձեզնից խլել։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ, միսս։ Այսքան բան էի ուզում իմանալ։ ― Նա թփթփացրեց ուսիս։ ― Վիրակապերը հանեք, պետք չեն։
 +
 +
― Ուզում ե՞ք խմել, դոկտոր Վալենտին։
 +
 +
― Խմե՞լ։ Անշուշտ։ Տասը բաժակ էլ կխմեմ։ Իսկ ո՞ւր են բաժակները։
 +
 +
― Պահարանում են։ Միսս Բարկլին հիմա կբերի շիշը։
 +
 +
― Ձեր կենացը։ Ձեր կենացը, միսս։ Ի՜նչ հոյակապ աղջիկ է։ Ես ձեզ ավելի լավ գինի կբերեմ։ ― Նա սրբեց բեղերը։
 +
 +
― Ինչ եք կարծում, ե՞րբ կարելի է վիրահատել։
 +
 +
― Վաղը առավոտյան։ Ավելի շուտ չի լինի։ Պետք է մաքրել ստամոքսը։ Ամեն ինչ մաքրել, բան չթողնել։ Հիմա պառավի մոտ, կիջնեմ, կարգադրություն կանեմ։ Ցտեսություն։ Վաղը կհանդիպենք։ Ես ձեզ սրանից լավ գինի կբերեմ։ Շատ հաճելի է ձեզ մոտ։ Ցտեսություն։ Մինչև վաղը։ Լավ քնեք։ Ես շուտ կգամ։
 +
 +
Դռան միջից ձեռքով արեց ինձ, բեղերը ցցվել էին, թուխ դեմքը անընդհատ ժպտում էր։ Թևի վրա եզրապատված մի աստղ կար, որովհետև նա մայոր էր։
 +
 +
 +
==Գլուխ 16==
 +
 +
Այդ գիշեր, պատշգամբի բաց դռնից, որտեղից գիշերն էր երևում քաղաքի տանիքների վրա, մի չղջիկ թռավ սենյակ։ Սենյակում մութ էր, միայն քաղաքի վրա սփռված գիշերն էր թույլ լուսավորել պատշգամբը, և չղջիկը չվախեցավ, սկսեց թռչել սենյակում ինչպես բաց երկնքի տակ։ Մենք պառկած հետևում էինք նրան, ու նա երևի չէր տեսնում մեզ, որովհետև մենք շատ լուռ էինք պառկած։ Երբ նա դուրս թռավ, լուսարձակների ճառագայթներ տեսանք ու նայեցինք, թե ինչպես էր լուսավոր շերտը շարժվում երկնքում, և թե ինչպես հետո անհետացավ ու ամեն ինչ նորից մթնեց։ Գիշերը քամի բարձրացավ, ու հարևան շենքի տանիքից մենք լսեցինք զենիթային հրանոթների շուրջը կանգնած հրետանավորների ձայները։ Զով էր, ու նրանք թիկնոց էին հագնում։ Գիշերվա կեսին անհանգստացա, որ մարդ չմտնի հանկարծ, բայց Կետրինն ասաց, որ բոլորը քնած են։ Գիշերը միայն մի անգամ քնեցինք, ու երբ արթնացա, տեսա, որ Կետրինը սենյակում չէ, բայց միջանցքից լսեցի նրա ոտնաձայնը, դուռը բացվեց, նա մոտեցավ մահճակալին և ասաց, որ ամեն ինչ կարգին է, քիչ առաջ նա ներքև էր իջել և տեսել, որ բոլորը քնած են։ Մոտեցել էր միսս Վան Քամփենի դռանը ու ականջ դրել, թե ինչպես է շնչում քնի մեջ։ Բեկաբլիթ էր բերել, մենք վերմուտ խմեցինք ու կերանք բեկաբլիթները։ Շատ էինք քաղցած, բայց նա ասաց, որ առավոտյան հարկ կլինի ստամոքս մաքրել։ Առավոտվա դեմ, երբ հազիվ սկսեց լուսանալ, ես նորից քնեցի ու երբ արթնացա, տեսա, որ Կետրինը դարձյալ սենյակում չէ։ Նա վերադարձավ թարմ ու գեղեցիկ, նստեց մահճակալին, և մինչ ես պառկել էի ջերմաչափը բերանիս, արևը դուրս եկավ, ու մենք զգացինք տանիքներից եկող ցողի հոտը, իսկ հետո՝ սրճի, որ հրետանավորներն էին եփում հարևան տանիքին։
 +
 +
― Ինչ լավ կլիներ զբոսանքի գնայինք, ― ասաց Կետրինը։ ― Եթե բազկաթոռ ունենայինք, դուրս կհանեի քեզ։
 +
 +
― Իսկ ինչպե՞ս պիտի նստեի։
 +
 +
― Մի կերպ։
 +
 +
― Մենք կարող էինք զբոսանքի գնալ ու բաց օդում նախաճաշել։ ― Դուրս նայեցի դռնից։
 +
 +
― Մենք ուրիշ բան պետք է անենք, ― ասաց նա, ― պետք է մինչև քո ընկերոջ, դոկտոր Վալենտինի գալը, ամեն ինչով պատրաստ լինենք։
 +
 +
― Լավ բժիշկ է, չէ՞։
 +
 +
― Ինձ այնքան դուր չեկավ, որքան քեզ։ Բայց երևի լավ բժիշկ է։
 +
 +
― Խնդրում եմ, ինձ մոտ արի, Կետրին, ― ասացի ես։
 +
 +
― Չեմ կարող։ Ինչքան լավ էր գիշերը, չէ՞։
 +
 +
― Իսկ չե՞ս կարող այս գիշեր էլ հերթապահել։
 +
 +
― Գուցե։ Բայց դու ինձ չես ուզենա։
 +
 +
― Կուզենամ։
 +
 +
― Չես ուզենա։ Դու առաջին անգամն ես վիրահատվում։ Չգիտես, թե դա ինչ բան է։
 +
 +
― Գիտեմ։ Լավ բան է։
 +
 +
― Սիրտդ կխառնի, ու ես քեզ համար գոյություն չեմ ունենա։
 +
 +
― Ուրեմն, հիմա արի ինձ մոտ։
 +
 +
― Ոչ, սիրելիս, ― ասաց նա։ ― Պետք է քո ջերմության թերթիկը լրացնեմ և քեզ կարգի բերեմ։
 +
 +
― Ուրեմն, չես սիրում ինձ։ Եթե սիրեիր, կգայիր։
 +
 +
― Հիմար տղա ես։ ― Համբուրեց ինձ։ ― Ջերմության կորագիծը պատրաստ է։ Ջերմությունդ միշտ նորմալ է։ Այնքան սիրելի է ջերմությունդ։
 +
 +
― Իսկ ինձ համար դու ես սիրելի։
 +
 +
― Ոչ, ոչ, քո ջերմությունն է սիրելի։ Ես անչափ հպարտ եմ քո ջերմությամբ։
 +
 +
― Երևի մեր բոլոր երեխաներն էլ սքանչելի ջերմություն կունենան։
 +
 +
― Մեր երեխաները երևի զզվելի ջերմություն կունենան։
 +
 +
― Իսկ ի՞նչ պետք է անել մինչև Վալենտինիի գալը։
 +
 +
― Առանձնապես ոչինչ, բայց տհաճ բաներ են։
 +
 +
― Երանի ուրիշն աներ։
 +
 +
― Ոչ մի դեպքում։ Չեմ ուզում, որ ուրիշը դիպչի քեզ։ Հիմար եմ ես։ Եթե որևէ մեկը քեզ դիպչի, կկատաղեմ։
 +
 +
― Նույնիսկ Ֆերգյուսո՞նը և Գեյջը, մեկ էլ, չեմ հիշում, ինչ էր անունը․․․
 +
 +
― Ուոքեր։
 +
 +
― Այո, այո։ Ինչքան հիվանդապահուհի կա այստեղ։ Եթե ուրիշ վիրավորների չբերեն, մեզ երևի տեղափոխեն։ Հիմա չորս բուժքույր կա հիվանդանոցում։
 +
 +
― Գուցե և բերեն։ Չորս բուժքույրն այնքան էլ շատ չեն։ Բավական մեծ հիվանդանոց է։
 +
 +
― Ես էլ հույս ունեմ, որ կբերեն։ Ի՞նչ եմ անելու, եթե ինձ տեղափոխեն։ Եթե վիրավորներ չգան, կտեղափոխեն։
 +
 +
― Ես էլ դուրս կգամ։
 +
 +
― Հիմար բաներ մի խոսիր։ Դու դեռ ոչ մի տեղ էլ չես կարող գնալ։ Բայց շուտ լավացիր, սիրելիս, և մենք միասին կգնանք։
 +
 +
― Իսկ հետո՞։
 +
 +
― Գուցե վերջանա պատերազմը։ Մի օր պիտի վերջանա, չէ՞։
 +
 +
― Կառողջանամ, ― ասացի ես։ ― Վալենտինին ինձ ոտքի կհանի։
 +
 +
― Քիչ բան չէ այդպիսի բեղ ունենալը։ Միայն, գիտես, սիրելիս, երբ սկսեն թմրեցնել, որևէ բանի մասին մտածիր, մեր մասին չմտածես։ Թմրած մարդիկ շաղակրատ են դառնում։
 +
 +
― Ի՞նչ մտածեմ։
 +
 +
― Ինչ որ ուզում ես։ Բացի մեզնից։ Հարազատներիդ հիշիր։ Կամ մի ուրիշ աղջկա։
 +
 +
― Չեմ կարող։
 +
 +
― Այդ դեպքում աղոթիր։ Դա մեծ տպավորություն կթողնի։
 +
 +
― Ինչ գիտես, գուցե և չեմ խոսի։
 +
 +
― Գուցե։ Ոչ բոլորն են խոսում։
 +
 +
― Ես էլ չեմ խոսի։
 +
 +
― Մի պարծենա, սիրելիս։ Խնդրում եմ, մի պարծենա։ Դու այնքան լավն ես, կարիք չկա պարծենալու։
 +
 +
― Ոչ մի բառ չեմ ասի։
 +
 +
― Այ, նորից ես պարծենում։ Ինչ կարիք կա պարծենալու։ Երբ ասեն խորը շնչիր, սկսիր աղոթել կամ ոտանավոր արտասանել։ Այդ դեպքում, ամեն ինչ լավ կլինի, ու ես կհպարտանամ քեզնով։ Հիմա էլ եմ քեզնով հպարտանում։ Քո ջերմությունն այնքան սիրելի է, և դու փոքրիկ տղայի նման ես քնում, գրկում ես բարձը և կարծում, թե դա ես եմ։ Իսկ գուցե ես չեմ, որի՞շն է։ Մի գեղեցիկ իտալուհի՞։
 +
 +
― Ոչ, դու ես։
 +
 +
― Իհարկե ես եմ։ Ես քեզ շատ եմ սիրում, և կտեսնես, Վալենտինը կբուժի ոտքդ։ Ուրախ եմ, որ ստիպված չեմ լինի վիրահատությանը ներկա լինել։
 +
 +
― Հերթապա՞ս ես գիշերը։
 +
 +
― Այո։ Բայց դա քեզ համար նշանակություն չի ունենա։
 +
 +
― Տեսնենք։
 +
 +
― Եղավ, սիրելիս։ Հիմա դու մաքուր ես թե ներսից, թե դրսից։ Ինձ մի բան ասա։ Կյանքումդ քանի՞ կնոջ ես սիրել։
 +
 +
― Ոչ մեկին։
 +
 +
― Նույնիսկ ի՞նձ։
 +
 +
― Ոչ, քեզ սիրում եմ։
 +
 +
― Ուրիշ քանի՞ հոգու։
 +
 +
― Ոչ մեկին։
 +
 +
― Իսկ քանիսի․․․ ինչպես են ասում․․․ քանիսի՞ հետ ես եղել։
 +
 +
― Ոչ մեկի։
 +
 +
― Ճիշտ չես ասում։
 +
 +
― Այո։
 +
 +
― Լավ ես անում։ Դու ինձ միշտ էլ ճիշտ բաներ մի ասա։ Ես այդպես եմ ուզում։ Գեղեցի՞կ կանայք էին։
 +
 +
― Գաղափար չունեմ։
 +
 +
― Դու իմն ես։ Սա՛ է միայն ճիշտ, և դու երբեք ոչ մեկին չես պատկանել։ Բայց եթե նույնիսկ պատկանել ես, նշանակություն չունի ինձ համար։ Ես նրանցից չեմ վախենում։ Միայն թե չպատմես նրանց մասին։ Իսկ եթե տղամարդն ու կինը միասին են լինում, կինը ե՞րբ է խոսում գնի մասին։
 +
 +
― Չգիտեմ։
 +
 +
― Իհարկե չգիտես։ Իսկ կինն ասո՞ւմ է, որ սիրում է նրան։ Ասա։ Ուզում եմ իմանալ։
 +
 +
― Այո։ Եթե տղամարդն ուզում է։
 +
 +
― Իսկ տղամարդն ասո՞ւմ է, որ սիրում է նրան։ Ասա, խնդրում եմ, դա շատ կարևոր է։
 +
 +
― Եթե ուզենա, ասում է։
 +
 +
― Բայց դու երբեք չես ասել։ Ճի՞շտ է։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Չես ասել, չէ՞։ Ճիշտն ասա։
 +
 +
― Ոչ, ― ստեցի ես։
 +
 +
― Չես ասել։ Գիտեի, որ չես ասել։ Դու իմ սիրելին ես, ու ես քեզ շատ, շատ եմ սիրում։
 +
 +
Արևը բարձրացել էր տանիքների վրա, ու արևի ցոլքերի մեջ երևում էր տաճարի սուր ծայրը։ Ես մաքուր էի թե դրսից, թե ներսից, և բժշկին էի սպասում։
 +
 +
― Ուրեմն այդպես, ― ասաց Կետրինը։ ― Կինն ասում է այն ամենն, ինչ տղամարդն է ուզում։
 +
 +
― Ոչ միշտ։
 +
 +
― Բայց ես կասեմ։ Կասեմ այն, ինչ դու ես ուզում, կանեմ այն, ինչ դու ես ուզում, և դու ուրիշ ոչ մի աղջկա չես ցանկանա, չէ՞։ ― Երջանիկ ինձ նայեց։ ― Կանեմ այն, ինչ ուզում ես, կասեմ այն, ինչ ուզում ես, և ամեն ինչ լավ կլինի, այնպես չէ՞։
 +
 +
― Այո։
 +
 +
― Իսկ հիմա, երբ արդեն պատրաստ ես վիրահատման, ի՞նչ ես ուզում։
 +
 +
― Ուզում եմ, որ ինձ մոտ գաս։
 +
 +
― Լավ։ Կգամ։
 +
 +
― Օ, իմ շատ, շատ, շատ սիրելիս, ― ասացի ես։
 +
 +
― Տեսնում ես, ― ասաց նա, ― ինչ որ ուզում ես, անում եմ։
 +
 +
― Դու շատ լավն ես։
 +
 +
― Վախենում եմ, որ դեռ լրիվ գոհ չես ինձնից։
 +
 +
― Դու շատ լավն ես։
 +
 +
― Ես ուզում եմ այն, ինչ դու ես ուզում։ Ես չկամ։ Միայն այն, ինչ դու ես ուզում։
 +
 +
― Իմ սիրելի, իմ լավ․․․
 +
 +
― Գոհ ես ինձնից։ Գոհ ես, չէ՞։ Ուրիշ կանայք չե՞ս ուզում, չէ՞։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Տեսնո՞ւմ ես։ Գոհ ես։ Ես անում եմ այն, ինչ դու ես ուզում։
 +
 +
 +
==Գլուխ 17==
 +
 +
Երբ վիրահատությունից հետո արթնացա, վերանալու զգացում չկար։ Այսպիսի դեպքերում չես վերանում։ Պարզապես շնչահեղձ ես լինում։ Դա նման չէ մահվան։ Դա գազից առաջացող շնչահեղձություն է, այնպես որ, ոչինչ չես զգում, իսկ հետո քեզ թվում է, թե սաստիկ հարբած ես եղել, բացառությամբ այն պահերի, երբ փսխում ես և միայն մաղձ է դուրս գալիս ու վիճակդ չի փոխվում։ Մահճակալի ծայրին ավազով լցված պարկեր տեսա, որոնք ձգում էին գիպսեկապից ցցված ձողերը։ Քիչ անց տեսա նաև միսս Գեյջին, ու նա հարցրեց։
 +
 +
― Ինչպե՞ս եք հիմա։
 +
 +
― Ավելի լավ, ― ասացի ես։
 +
 +
― Նա հրաշալի վիրահատեց ձեր ծունկը։
 +
 +
― Ինչքա՞ն տևեց։
 +
 +
― Երկու ու կես ժամ։
 +
 +
― Հիմար բաներ դուրս տվի՞։
 +
 +
― Ոչ մի բան։ Մի խոսեք։ Հանգիստ պառկեք։
 +
 +
Սիրտս խառնում էր։ Եվ ճիշտ էր ասում Կետրինը։ Ինձ համար միևնույն էր, թե ով է հերթապահում գիշերը։
 +
 +
Հիվանդանոցում, բացի ինձնից, երեք նոր հիվանդ կային։ Նրանցից մեկը ջորջիացի էր, աշխատում էր կարմիր խաչում, նիհարակազմ էր և դողերոցք ուներ։ Մյուսը Նյույորքցի հիանալի մի տղա էր, նա էլ էր նիհար, դողերոցք ու դեղնախտ ուներ։ Իսկ երրորդը հոյակապ տղա էր, որի խելքին փչել էր քանդել ավստրիական շրապնելի հեռացույց խողովակի փականը և հուշանվեր վերցնել։ Դա շրապնելաֆուգասային կոմբինացված ռումբ էր, որ ավստրիացիներն օգտագործում էին լեռներում։ Այդ ռումբը կրկնակի գործողության հեռացույց խողովակ ուներ։
 +
 +
Հիվանդապահուհիները շատ էին սիրում Կետրին Բարկլիին, որովհետև նա միշտ պատրաստ էր գիշերները հերթապահելու։ Դողերոցքով տառապողներն առանձնապես խնամքի կարիք չունեին, իսկ երրորդ հիվանդը, որ հանել էր պայթուցիչի փականը, մեր ընկերն էր և միայն խիստ անհրաժեշտության դեպքում էր զանգում գիշերները, և աշխատանքից ազատ ժամերին Կետրինը միշտ ինձ հետ էր լինում։ Ես շատ էի սիրում նրան, նա էլ՝ ինձ։ Ցերեկները քնում էի, իսկ եբր քնած չէինք, երկտող էինք գրում իրար և ուղարկում միսս Ֆերգյուսոնի միջոցով։ Ֆերգյուսոնը հիանալի աղջիկ էր։ Ես ոչինչ չգիտեի նրա մասին, գիտեի միայն, որ եղբայրներից մեկը հիսուներկուերորդ դիվիզիայում է, իսկ մյուսը՝ Միջագետքում, մեկ էլ այն, որ նա շատ էր կապված Կետրին Բարկլիին։
 +
 +
― Կգա՞ք մեր հարսանիքին, ― մի անգամ հարցրի նրան։
 +
 +
― Դուք երբեք չեք ամուսնանա։
 +
 +
― Կամուսնանանք։
 +
 +
― Ոչ, չեք ամուսնանա։
 +
 +
― Ինչո՞ւ։
 +
 +
― Կգժտվեք մինչև հարսանիքը։
 +
 +
― Մենք երբեք չենք գժտվել։
 +
 +
― Դեռ շատ ժամանակ կա։
 +
 +
― Մենք երբեք չենք գժտվի։
 +
 +
― Ուրեմն, կմեռնեք։ Կամ կգժտվեք, կամ կմեռնեք։ Միշտ այդպես է լինում։ Ոչ ոք չի ամուսնանում։
 +
 +
Ուզեցի բռնել նրա ձեռքը։
 +
 +
― Չդիպչեք ինձ, ― ասաց նա։ ― Ես չեմ արտասվի։ Գուցե ամեն ինչ լավ լինի ձեր կյանքում։ Բայց այնպես արեք, որ բան չպատահի նրան։ Եթե ձեր պատճառով նրան մի բան պատահի, ես կսպանեմ ձեզ։
 +
 +
― Ոչինչ չի պատահի։
 +
 +
― Դե, ուրեմն, իմացեք։ Կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի ձեր կյանքում։ Հիմա երկուսդ էլ լավ եք զգում։
 +
 +
― Հիանալի ենք զգում։
 +
 +
― Դե, ուրեմն, մի գժտվեք։ Եվ այնպես արեք, որ բան չպատահի նրան։
 +
 +
― Մի անհանգստացեք։
 +
 +
― Լավ հիշեք։ Չեմ ուզում, որ մենակ մնա, պատերազմից ծնված երեխան ձեռքին։
 +
 +
― Դուք հիանալի աղջիկ եք, Ֆերջի։
 +
 +
― Ոչ մի հիանալի։ Մի քծնեք։ Ինչպե՞ս է ձեր ոտքը։
 +
 +
― Լավ է։
 +
 +
― Իսկ գլո՞ւխը։ ― Մատները դիպան գլխիս։ Եթե փայտացած ոտքիս կպչեին, երևի նույն զգացողությունն ունենայի։
 +
 +
― Ինձ երբեք չի անհանգստացնում։
 +
 +
― Այդպիսի ուռուցքից հետո շատ հեշտ էր ուղեղի խանգարում ստանալ։ Բնա՞վ չի անհանգստացնում։
 +
 +
― Բնավ։
 +
 +
― Երջանիկ մարդ եք։ Գրեցի՞ք երկտողը։ Հիմա իջնելու եմ։
 +
 +
― Վերցրեք, ― ասացի ես։
 +
 +
― Խնդրեցեք, որ ժամանակավորապես հրաժարվի հերթապահությունից։ Շատ է հոգնում։
 +
 +
― Լավ, կասեմ։ Ես էի ուզում հերթապահ լինել, բայց նա չի թողնում։ Մյուսներն ուրախությամբ են իրենց հերթը զիջում։ Թող հանգստանա մի քիչ։
 +
 +
― Լավ։
 +
 +
― Միսս Վան Քամփենն արդեն խոսում է, որ դուք մինչև կեսօր քնում եք։
 +
 +
― Այդպես էլ գիտեի։
 +
 +
― Լավ կլիներ պնդեիք, որ գոնե մի քանի գիշեր չհերթապահեր։
 +
 +
― Ես էլ եմ ուզում։
 +
 +
― Ոչինչ էլ չեք ուզում։ Բայց եթե կարողանաք համոզել, ես կհարգեմ ձեզ։
 +
 +
― Կհամոզեմ։
 +
 +
― Չեմ հավատում։
 +
 +
Նա երկտողը վերցրեց ու դուրս եկավ։ Սեղմեցի զանգի կոճակը, և քիչ անց մտավ միսս Գեյջը։
 +
 +
― Ի՞նչ է պատահել։
 +
 +
― Ուզում էի խոսել ձեզ հետ։ Չեք կարծո՞ւմ, որ միսս Բարկլիին գոնե մի քանի օր պետք է ազատել հերթապահությունից, որպեսզի մի քիչ հանգստանա։ Սարսափելի հոգնած տեսք ունի։ Ինչո՞ւ է այդքան երկար հերթապահում։
 +
 +
Միսս Գեյջն ինձ նայեց։
 +
 +
― Ես ձեր բարեկամն եմ, ― ասաց նա։ ― Կարիք չկա ինձ հետ այդ ձևով խոսել։
 +
 +
― Ի՞նչ եք ուզում ասել։
 +
 +
― Հիմար մի ձևացեք։ Սա՞ էր ձեր ասելիքը։
 +
 +
― Վերմուտ ուզո՞ւմ եք։
 +
 +
― Մի քիչ կխմեմ։ Բայց հետո անմիջապես կգնամ։
 +
 +
Պահարանից հանեց շիշը և բաժակը դրեց սեղանին։
 +
 +
― Բաժակը դուք վերցրեք։ Ես շշից կխմեմ։
 +
 +
― Ձեր կենացը, ― ասաց միսս Գեյջը։
 +
 +
― Միս Քամփենն այդ ինչե՞ր է տարածում, թե ես իբր շատ ուշ եմ զարթնում։
 +
 +
― Փնթփնթում է, էլի, անընդհատ։ «Առանձնաշնորհյալ հիվանդ» է դրել ձեր անունը։
 +
 +
― Թող գրողի ծոցը կորչի։
 +
 +
― Չար կին չէ, ― ասաց միսս Գեյջը։ ― Պարզապես ծեր է և տարօրինակություններ ունի։ Դուք հենց սկզբից դուր չեկաք նրան։
 +
 +
― Ճիշտ է։
 +
 +
― Իսկ ինձ դուր եք գալիս։ Ու ես ձեր բարեկամն եմ։ Չմոռանաք այդ։
 +
 +
― Դուք չափազանց լավն եք։
 +
 +
― Մի սկսեք։ Գիտեմ ձեզ համար ով է լավը։ Բայց ես ձեր բարեկամն եմ։ Ինչպե՞ս է ոտքը։
 +
 +
― Հիանալի։
 +
 +
― Ես հիմա սառը հանքային ջուր կբերեմ ու կթրջեմ ձեր ոտքը։ Երևի քոր է գալիս գիպսի տակ։ Շոգ է այսօր։
 +
 +
― Դուք շատ լավն եք։
 +
 +
― Շա՞տ է քոր գալիս։
 +
 +
― Ոչ, ոչ։ Ամեն ինչ կարգին է։
 +
 +
― Պետք է պարկերն ուղղել։ ― Նա կռացավ։ ― Ես ձեր բարեկամն եմ։
 +
 +
― Գիտեմ։
 +
 +
― Ոչ, չգիտեք։ Բայց մի օր կիմանաք։
 +
 +
Կետրին Բարկլին երեք գիշեր չհերթապահեց, բայց հետո նորից եկավ։ Կարծես մեզնից յուրաքանչյուըը երկար ճամփորդության էր մեկնել և հիմա կրկին հանդիպել։
 +
 +
 +
==Գլուխ 18==
 +
 +
Այդ ամառը մենք հիանալի անցկացրինք։ Երբ ինձ թույլ տվեցին ոտքի ելնել, մենք սկսեցինք հաճախ զբոսայգի գնալ։ Հիշում եմ կառքի դանդաղավազք ձին, կառապանի մեջքը, նրա լաքե ցիլինդրը, և կողքիս նստած Կետրին Բարկլիին։ Երբ մեր ձեռքերն իրար էին դիպչում, երբ ձեռքս թեկուզ թեթևակի դիպչում էր նրան, երկուսս էլ հուզվում էինք։ Ավելի ուշ, երբ արդեն կարողանում էի հենակներով քայլել, մենք Բիֆֆիի մոտ էինք գնում ճաշելու կամ Գրան֊Իտալիա և նստում դրսի սեղաններից մեկին, galleria-ում։ Մատուցողներն անընդհատ գնում֊գալիս էին, և փողոցում անցորդներ էին քայլում, և սփռոցով ծածկված սեղանների վրա լուսամփոփով մոմեր էին դրված, և շուտով մենք համոզվեցինք, որ մեզ ամենից ավելի դուր է գալիս Գրան֊Իտալիան, և ավագ մատուցող Ժորժը մեզ համար միշտ սեղան էր պահում։ Նա հրաշալի մատուցող էր, ու մինչ նստած նայում էինք անցորդներին, մթնաշաղի մեջ սուզվող galleria-ին և միմյանց, նա մեզ համար ճաշ էր պատվիրում։ Խմում էինք սեղանի սպիտակ կապրի, որ դրված էր սառույցով դույլի մեջ։ Բայց ասեմ, որ մենք ուրիշ շատ գինիներ էլ փորձեցինք՝ ֆրեզա, բարբերա և սպիտակ քաղցր գինիներ։ Պատերազմի պատճառով, ռեստորանում գինու հատուկ մատուցող չկար և երբ ես ֆրեզայի նման գինի էի խնդրում, Ժորժը շփոթված ժպտում էր։
 +
 +
― Կարելի՞ է պատկերացնել մի երկիր, որտեղ գինիները ելակի համ ունենան, ― մի անգամ ասաց նա։
 +
 +
― Իսկ դա ինչո՞վ է վատ, ― հարցրեց Կետրինը։ ― Ինձ նույնիսկ դուր է գալիս։
 +
 +
― Եթե ուզում եք, փորձեք, լեյդի, ― ասաց Ժորժը։ ― Բայց թույլ տվեք tenente-ի համար մի շիշ մարգո բերել։
 +
 +
― Ես էլ եմ ուզում փորձել, Ժորժ։
 +
 +
― Սըր, խորհուրդ չէի տա ձեզ։ Նույնիսկ ելակի համ էլ չունեն։
 +
 +
― Իսկ եթե հանկարծ ունենա՞ն, ― ասաց Կետրինը։ ― Ինչ լավ կլիներ։
 +
 +
― Կբերեմ, ― ասաց Ժորժը։ ― Ու երբ լեյդին բավարարվի, ետ կտանեմ։
 +
 +
Գինին վատն էր, Ժորժն իրավացի էր, ելակի համ էլ չէր գալիս։ Նորից անցանք կապրիի։ Մի երեկո ես դրամ չունեի, և Ժորժն ինձ հարյուր լիրա պարտք տվեց։
 +
 +
― Ոչինչ, ոչինչ, tenente, ― ասաց նա։ ― Ո՞ւմ չի պատահում։ Բոլորին էլ պատահում է։ Եթե դուք կամ լեյդին դրամի կարիք ունենաք, ես միշտ պատրաստ եմ։
 +
 +
Ճաշից հետո զբոսնում էինք galleria-ում, անցնում ուրիշ ռեստորանների և փեղկերը փակ խանութների կողքով ու կանգ առնում մի կրպակի առջև, որտեղ սենդվիչներ էին վաճառում։ Խոզապուխտի, հազարի և անձրևուկի մատնաչափ փոքրիկ սենդվիչներ։ Մենք գնում էինք մի քանի հատ, որպեսզի ուտենք գիշերը։ Հետո galleria-ի մուտքի մոտ, տաճարի դիմաց, բաց կառք էինք նստում և վերադառնում հիվանդանոց։ Դռնապանը դուրս էր գալիս շենքից և օգնում, որ հենակներով վեր բարձրանամ։ Վճարում էի կառապանին, ու մենք մտնում էինք վերելակ։ Կետրինը դուրս էր գալիս այն հարկում, որտեղ հիվանդապահուհիներն էին ապրում, իսկ ես շարունակում էի բարձրանալ, ապա հենակներով անցնում միջանցքով ու գնում իմ սենյակը։ Երբեմն հանվում էի ու անկողին մտնում, իսկ երբեմն նստում էի պատշգամբում և, ոտքս աթոռին դրած, հետևում տանիքների վրա թռչող ծիծեռնակներին և սպասում Կետրինին։ Երբ գալիս էր, ինձ թվում էր, թե երկարատև ճամփորդությունից էր վերադառնում, ու հենակներով նրա հետ միասին քայլում էի միջանցքում, տաշտեր տանում, կանգնում դռան մոտ կամ ներս մտնում, նայած, թե ով էր հիվանդը, ու երբ նա վերջացնում էր գործը, մենք նստում էինք իմ պատշգամբում։ Հետո ես անկողին էի մտնում, ու երբ բոլորն արդեն քնած էին, ու նա վստահ էր լինում, որ էլ ոչ ոք չի կանչի, գալիս էր ինձ մոտ։ Սիրում էի քանդել նրա մազերը, իսկ նա անշարժ նստում էր մահճակալին, երբեմն միայն հանկարծ արագ կռանում և համբուրում ինձ, և ես հանում էի նրա հերակալները, և սավանի վրա դնում, և մազերը քիչ֊քիչ ընկնում էին, և ես հետևում էի, թե ինչպես էր նա անշարժ նստած, և հետո վերջին երկու հերակալն էի հանում, և մազերը լրիվ էին թափվում, և նա իջեցնում էր գլուխը, և մազերը ծածկում էին երկուսիս, և այնպես էր թվում, որ կարծես վրանում լինեինք կամ ջրվեժի տակ։
 +
 +
Զարմանալի գեղեցիկ մազեր ուներ, և ես երբեմն պառկած նայում էի, թե ինչպես էր մազերը հյուսում բաց դռնից ընկնող լույսի տակ, և դրանք գիշերն էլ էին փայլփլում, ինչպես երբեմն ջուրն է փայլփլում լուսաբացից առաջ։ Նա հրաշալի դեմք ուներ, հրաշալի մարմին և հրաշալի ողորկ մաշկ։ Մենք պառկում էինք իրար կողքի, և ես մատների ծայրով շոյում էի նրա և այտերը և ճակատը, և աչքերի տակը, և կզակը, և ասում․ «դաշնամուրի ստեղների պես ողորկ են»։ Եվ նա շոյում էր կզակս և ասում․ «Հղկաքարի պես ողորկ է, բայց և շատ կոշտ, եթե դաշնամուրի ստեղներին քսես։
 +
 +
― Ծակո՞ւմ է։
 +
 +
― Ոչ սիրելիս։ Ուզում էի հոգուդ հետ խաղալ։
 +
 +
Գիշերները հրաշալի էին անցնում, ու եթե թեկուզ նույնիսկ դիպչում էինք միմյանց, արդե՛ն երջանիկ էինք։ Բացի ուրախության մեծ պահերից, մենք մեր սերն արտահայտում էինք նաև ուրիշ միջոցներով, ու երբ տարբեր սենյակներում էինք լինում, աշխատում էինք մեր մտքերը հեռավորությունից հաղորդել իրար։ Երբեմն դա կարծես հաջողվում էր։ Երևի այն պատճառով, որ երկուսս էլ նույն բանն էինք մտածում։
 +
 +
Ասում էինք, որ մենք ամուսնացել ենք հենց այն օրը, երբ նա հիվանդանոց եկավ, ու ամիսները հաշվում էինք մեր ամուսնության օրվանից։ Ես իսկապես ուզում էի ամուսնանալ, բայց Կետրինն ասում էր, որ այդ դեպքում նրան կստիպեն հեռանալ, և հենց որ փորձենք հաղթահարել ձևականությունները, կսկսեն հետևել նրան ու կբաժանեն մեզ։ Ուզած֊չուզած պետք է իտալական օրենքներին ենթարկվեինք, իսկ այդ ձևականություններն ուղղակի անտանելի էին։ Ես իսկապես ուզում էի ամուսնանալ, որովհետև երբ մտածում էի ապագա երեխայի մասին, այդ միտքը տանջում էր ինձ, բայց մենք ամուսնացած էինք համարում մեզ, դրա համար էլ շատ չէինք անհանգստանում, ինչ֊որ տեղ ես նույնիսկ ուրախ էի, որ իսկապես չենք ամուսնացել։ Հիշում եմ, թե ինչպես մի գիշեր խոսեցինք այդ մասին, ու Կետրինն ասաց․
 +
 +
― Բայց, սիրելիս, ինձ անմիջապես կուղարկեն այստեղից։
 +
 +
― Գուցե և չեն ուղարկի։
 +
 +
― Կուղարկեն։ Տուն կուղարկեն, և մինչև պատերազմի վերջը էլ չենք հանդիպի։
 +
 +
― Արձակուրդ կգամ։
 +
 +
― Արձակուրդի ժամանակ անհնար է Շոտլանդիա հասնել և վերադառնալ։ Եվ հետո ես քեզ չեմ թողնի։ Ինչի՞ համար հիմա ամուսնանանք։ Մենք առանց այդ էլ ամուսնացած ենք։ Չեմ էլ պատկերացնում սրանից ավելի ամուսնացած։
 +
 +
― Ես քեզ համար էի ուզում միայն։
 +
 +
― Ես չկամ։ Ես դու եմ։ Խնդրում եմ, առանձին «ես» չհնարես։
 +
 +
― Կարծում էի, որ աղջիկները միշտ էլ ամուսնանալ են ուզում։
 +
 +
― Ճիշտ է։ Բայց, սիրելիս, ես ամուսնացած եմ։ Քեզ հետ։ Մի՞թե լավ կին չեմ։
 +
 +
― Դու հրաշալի կին ես։
 +
 +
― Գիտես, սիրելիս, ամուսնության սպասելու մի փորձ արդեն ունեմ։
 +
 +
― Չեմ ուզում լսել այդ մասին։
 +
 +
― Դու լավ գիտես, որ ես միայն քեզ եմ սիրում։ Ինչ նշանակություն ունի, որ մեկ ուրիշն էլ է ինձ սիրել։
 +
 +
― Ունի։
 +
 +
― Նա մեռած է, իսկ դու ամեն ինչ ունես։ Էլ ինչո՞ւ ես խանդում։
 +
 +
― Թեկուզ։ Բայց չեմ ուզում այդ մասին լսել։
 +
 +
― Խեղճ տղա։ Ես գիտեմ, որ դու ամեն տեսակ աղջիկների հետ ես եղել, բայց դա ինձ չի հուզում։
 +
 +
― Իսկ չե՞նք կարող գաղտնի ամուսնանալ։ Իսկ եթե հանկարծ ինչ֊որ բան պատահի ինձ կամ, ասենք, երեխա ունենաս։
 +
 +
― Երկու տեսակ ամուսնություն կա միայն, եկեղեցական կամ քաղաքացիական։ Իսկ մենք առանց այդ էլ գաղտնի ենք ամուսնացած։ Սիրելիս, եթե ես կրոնամոլ լինեի, դա ինձ համար անշուշտ նշանակություն կունենար։ Բայց ես կրոնամոլ չեմ։
 +
 +
― Դու ինձ սուրբ Անտոնիո տվեցիր։
 +
 +
― Հետո՛ ինչ, ինձ էլ են տվել։ Բախտի համար։
 +
 +
― Ուրեմն, քեզ ոչինչ չի՞ անհանգստացնում։
 +
 +
― Միայն քեզնից բաժանվելը։ Դու իմ կրոնն ես։ Դու ամեն ինչ ես ինձ համար։
 +
 +
― Դե լավ։ Բայց հենց որ ուզես, ես կամուսնանամ քեզ հետ։
 +
 +
― Սիրելիս, այնպես մի խոսիր, որ կարծես ուզում ես ինձ օրինավոր կին դարձնել։ Ես միանգամայն օրինավոր եմ։ Ամոթալի ոչինչ չկա, եթե երջանիկ ես և քո երջանկությամբ հպարտ։ Մի՞թե դու երջանիկ չես։
 +
 +
― Բայց դու ինձ երբեք չես լքի և ուրիշի մոտ չես գնա, չէ՞։
 +
 +
― Ոչ, սիրելիս։ Ուրիշի համար երբեք չեմ թողնի քեզ։ Ինձ թվում է, թե սարսափելի բաներ են պատահելու մեզ։ Բայց պետք չէ այդ մասին մտածել։
 +
 +
― Չեմ էլ մտածում։ Բայց ես քեզ շատ եմ սիրում, իսկ դու արդեն սիրել ես ուրիշին։
 +
 +
― Իսկ ի՞նչ է եղել հետո։
 +
 +
― Մահացել է։
 +
 +
― Այո, եթե չմահանար, քեզ չէի հանդիպի։ Այնպես որ, չասես թե անհավատարիմ եմ։ Շատ թերություններ ունեմ, բայց և շատ հավատարիմ եմ։ Այ, կտեսնես, իմ հավատարմությունը ձանձրացնելու է քեզ։
 +
 +
― Շուտով ճակատ կվերադառնամ։
 +
 +
― Քանի այստեղ ես, եկ չմտածենք այդ մասին։ Հասկացիր, ես շատ երջանիկ եմ, և լավ է այստեղ, երկուսով։ Վաղուց է, ինչ երջանիկ չեմ եղել ու երբ քեզ հանդիպեցի, գրեթե ցնդած էի արդեն։ Երևի ցնդած էի։ Բայց հիմա մենք երջանիկ ենք և սիրում ենք միմյանց։ Արի երջանիկ լինենք։ Դու երջանիկ ես, այնպես չէ՞։ Գուցե այնպիսի բան եմ արել, որ քեզ դուր չի՞ եկել։ Ասա, ի՞նչ անեմ, որ քեզ դուր գա։ Ուզո՞ւմ ես, քանդեմ մազերս։ Ուզո՞ւմ ես։
 +
 +
― Այո։ Եվ պառկիր ինձ մոտ։
 +
 +
― Լավ։ Բայց նախ հիվանդների մոտ անցնեմ, հետո։
 +
 +
 +
==Գլուխ 19==
 +
 +
Այսպես ամառն անցավ։ Քիչ բան եմ հիշում այդ օրերից, հիշում եմ միայն, որ շոգ էր և թերթերը լցված էին հաղթանակներով։ Ես շատ առողջ էի, դրա համար էլ վերքերս շուտ լավացան, այնպես որ, հենակներով քայլելուց կարճ ժամանակ անց արդեն կարողացա գցել դրանք և միայն ձեռնափայտ օգտագործել։ Հետո սկսեցի բուժումներ ընդունել Ospedale Maggiore-ում, որպեսզի ծալվեր ծունկս, մեխանիկական թերապիա, ապակեպատ արկղում մանիշակագույն ճառագայթներով տաքացում, մասաժ և լոգանք։ Ճաշից հետո էի բուժման գնում, վերադարձին անցնում էի սրճարան, գինի խմում և թերթ կարդում։ Չէի թափառում քաղաքում, ուզում էի հենց սրճարանից հիվանդանոց գնալ։ Իմ միակ փափագն էր Կետրինին տեսնել։ Իսկ մնացած ժամերն աշխատում էի մի կերպ կարճացնել։ Առավոտներն ընդհանրապես քնում էի, կեսօրից հետո երբեմն գնում էի ձիարշավի, ապա՝ մեխանիկական բուժում ընդունելու։ Երբեմն անցնում էի անգլո֊ամերիկյան ակումբ, նստում պատուհանի դիմաց, կաշեպատ խոր բազկաթոռին և ամսագրեր կարդում։ Հենց որ հենակները գցեցի, մեզ այլևս չէին թողնում միասին դուրս գալ, որովեհտև հիվանդապահուհուն անվայել էր զբոսնել մի հիվանդի հետ, որը կարիք չուներ օգնության, դրա համար էլ մենք ցերեկները հազվադեպ էինք հանդիպում։ Երբեմն մեզ հաջողվում էր քաղաքում միասին ճաշել, բայց միայն այն դեպքում, եթե Ֆերգյուսոնը մեզ հետ էր լինում։ Ես ու Կետրինը մտերիմ բարեկամներ էինք համարվում, և միսս Վան Քամփենն ստիպված էր հաշտվել այդ իրողության հետ, որովհետև Կետրինը հիվանդանոցում շատ էր օգնում նրան։ Նա մտածում էր, որ Կետրինը լավ ընտանիքի աղջիկ է, և դրա շնորհիվ մենք վերջնականապես շահեցինք նրա համակրանքը։ Միսս Վան Քամփենը մեծ նշանակություն էր տալիս ծագումին, մանավանդ որ, ինքն էլ հասարակության բարձր խավի ծնունդ էր։ Բացի այդ, հիվանդանոցում շատ գործեր ու հոգսեր կային, որոնք խլում էին նրա ժամանակը։ Շոգ ամառ էր, և Միլանում ես բազմաթիվ ծանոթներ ունեի, բայց երբ սկսում էր մթնել, շտապում էի հիվանդանոց։ Ռազմաճակատը մոտեցել էր Կարսոյին, Պլավայի հանդիպակաց ափին գտնվող Կուկն արդեն գրավված էր, հիմա հարձակումն ուղղված էր Բաինզիցա հարթավայրի վրա։ Արևմտյան ճակատում գործերն այնքան էլ լավ չէին։ Թվում էր, թե պատերազմն արդեն չափից դուրս ձգվեց։ Հիմա մենք էլ էինք պատերազմին մասնակցում, բայց, իմ կարծիքով, մի ամբողջ տարի էր պետք, որպեսզի կարողանային բավականաչափ զորք տեղափոխել և կռվի պատրաստել։ Հաջորդ տարին վատ տարի էր լինելու, գուցե և լավ։ Իտալացիները հսկայական կորուստներ էին կրում։ Չէի պատկերացնում, թե ինչ էր լինելու վերջը։ Եթե Բարինզիցայի ամբողջ հարթավայրն ու Մոնտե Սան Գաբրիելեն անգամ գրավեն, դեռ բազմաթիվ լեռներ են մնում ավստրիացիների ձեռքին։ Տեսել եմ դրանք։ Ամենաբարձր լեռներն են։ Կարսոյի մոտ հնարավոր եղավ առաջ գնալ, բայց ներքևում, ծովի մոտ, ճահիճներ ու մորուտներ կային միայն։ Նապոլեոնն ավստրիացիներին հովտում կջարդեր։ Լեռներում երբեք չէր կռվի նրանց հետ։ Կթողներ, որ իջնեն, ու Վերոնայի մոտ կջարդեր նրանց։ Բայց արևմտյան ճակատում դեռևս ոչ մեկը մյուսին չէր ջարդում։ Գուցե պատերազմներն այլևս չեն ավարտվում հաղթանակով։ Գուցե նաև ընդհանրապես չեն ավարտվում։ Գուցե սա մի նոր հարյուրամյա պատերազմ է։ Թերթը դրեցի սեղանին ու դուրս եկա ակումբից։ Զգուշությամբ իջա աստիճաններով ու քայլեցի Վիա Մանցոնիով։ Գրան֊օթելի առջև տեսա կառքից դուրս եկող ծերունի Մեյերսին ու նրա կնոջը։ Ձիարշավից էին վերադառնում։ Կինը մեծ կրծքեր ուներ, հագել էր մետաքսե սև զգեստ։ Ամուսինը փոքրամարմին էր և ծեր, ճերմակ բեղերով ու տափակոտն, քայլում էր ձեռնափայտով։
 +
 +
― Ինչպե՞ս եք, ինչպե՞ս եք, ― կինը սեղմեց ձեռքս։
 +
 +
― Ողջույն, ― ասաց Մեյերսը։
 +
 +
― Ինչպե՞ս էր ձիարշավը։
 +
 +
― Հոյակապ էր։ Շատ լավ էր։ Երեք անգամ շահել եմ։
 +
 +
― Իսկ դո՞ւք, ― հարցրի Մեյերսին։
 +
 +
― Ոչինչ։ Մի անգամ շահեցի։
 +
 +
― Ես նրա գործերի մասին երբեք ոչինչ չգիտեմ, ― ասաց միսսիս Մեյերսը։ ― Նա ինձ երբեք չի պատմում։
 +
 +
― Գործերս լավ են, ― ասաց Մեյերսը։ Աշխատում էր սիրալիր երևալ։ ― Արժե, որ մի անգամ դուք էլ գաք ձիարշավի։ ― Խոսելիս այնպիսի տպավորություն էր թողնում, որ կարծես քեզ չէր նայում կամ ուրիշի հետ էր շփոթում։
 +
 +
― Կգամ, ― ասավի ես։
 +
 +
― Ես կայցելեմ ձեզ, ― ասաց միսսիս Մեյերսը։ ― Մի քանի բան ունեմ տղաներիս համար։ Դուք բոլորդ էլ իմ տղաներն եք։ Իմ սիրելի տղաները։
 +
 +
― Շատ ուրախ կլինեն ձեզ տեսնելու։
 +
 +
― Իմ սիրելի տղաները։ Դուք էլ։ Դուք էլ իմ տղաներից մեկն եք։
 +
 +
― Պետք է արդեն գնամ, ― ասացի ես։
 +
 +
― Բարևեցեք իմ բոլոր սիրելի տղաներին։ Շատ համեղ բաներ եմ բերելու նրանց։ Հիանալի մարսալա ունեմ և կարկանդակներ։
 +
 +
― Ցտեսություն, ― ասացի ես, ― անչափ ուրախ կլինեն ձեզ տեսնելու։
 +
 +
― Ցտեսություն, ― ասաց Մեյերսը։ ― Galleria անցեք։ Գիտեք որտեղ է իմ սեղանը։ Մենք ամեն երեկո այնտեղ ենք։
 +
 +
Շարունակեցի ճանապարհս։ Ուզում էի Կովայից որևէ բան առնել Կետրինի համար։ Մի տուփ շոկոլադ գնեցի, և մինչ վաճառուհին փաթաթում էր թղթի մեջ, մոտեցա բարին։ Վաչճառասեղանի առջև նստել էին երկու անգլիացի և մի քանի օդաչու։ Սուսուփուս մարտինի խմեցի, վճարեցի, վերցրի շոկոլադի տուփը ու գնացի հիվանդանոց։
 +
 +
Լա Սկալա տանող փողոցի փոքրիկ բարի առջև ծանոթների հանդիպեցի․ փոխհյուպատոսին, երգեցողության դասեր առնող երկու երիտասարդների և Էտտորե Մորեիին, Սան Ֆրանցիսկոյի մի իտալացու, որը իտալական բանակում էր ծառայում։ Բար մտանք ու խմեցինք միասին։ Երգիչներից մեկին կոչում էին Ռալդ Սիմոնս, և նա երգում էր Էնրիկե դել Կրեդո ավան տակ։ Չգիտեի, թե ինչպես էր երգում, բայց նա միշտ ինչ֊որ մեծ իրադարձությունների շեմին էր լինում։ Գիրուկ էր, և մաշկը թեփոտ էր քթի ու բերանի շուրջը, կարծես խոտատենդ էր կպել։ Պյաչենցա էր գնացել հյուրախաղերի և հենց նոր վերադարձել։ Երգել էր «Տոսկա», մեծ հաջողություն ունեցել։
 +
 +
― Բայց դուք ինձ երբեք չեք լսել, ― ասաց նա։
 +
 +
― Ե՞րբ եք այստեղ երգելու։
 +
 +
― Աշնանը «Լա֊Սկալայում» ելույթ կունենամ։
 +
 +
― Գրազ գանք, որ աթոռներ են շպրտելու վրան, ― ասաց Էտտորեն։ ― Չե՞ք լսել Մոդենայում ոնց են աթոռները վրան շպրտել։
 +
 +
― Սուտ է։
 +
 +
― Ես ներկա էի։ Վեց աթոռ էլ ինքս եմ շպրտել։
 +
 +
― Դատարկախոս ֆրիսկոցի։
 +
 +
― Ահավոր է նրա իտալերեն արտասանությունը, ― ասաց Էտտորեն։ ― Որտեղ էլ երգի, աթոռներ են շպրտում վրան։
 +
 +
― Ամբողջ հյուսիսային Իտլիայում Պյաչենցայից վատ թատրոն չես գտնի, ― ասաց մյուս տենորը։ ― Հավատացնում եմ, զզվելի տեղ է։
 +
 +
Այս տենորին կոչում էին Էդգար Սաունդերս, երգում էր Էդուարդո Ջիովաննի անվան տակ։
 +
 +
― Ափսոս, այնտեղ չեմ եղել, շատ կուզենայի տեսնել, թե ոնց են աթոռները շպրտում ձեզ վրա, ― ասաց Էտտորեն։ ― Դուք իտալերեն երգել չգիտեք։
 +
 +
― Նա հիմար է, ― ասաց Էդգար Սաունդերսը։ ― Ավելի խելոք բան չէր կարող հնարել։
 +
 +
― Հանդիսատեսները չեն կարող ավելի խելոք բան հնարել, երբ դուք երկուսդ եք երգում, ― ասաց Էտտորեն։ ― Իսկ հետո վերադառնում եք Ամերիկա և պատմում, թե ինչպիսի փայլուն հաջողություն եք ունեցել Լա Սկալայում։ Հենց առաջին նոտայից ձեզ կվռնդեն Լա Սկալայից։
 +
 +
― Ես երգելու եմ Լա Սկալայում, ― ասաց Սիմոնսը։ ― Հոկտեմբերին «Տոսկա» եմ երգելու։
 +
 +
― Ինչ արած, պիտի գնալ, Մակ, ― Էտտորեն ասաց փոխհյուպատոսին։ ― Մեկ էլ տեսար պաշտպանելու կարիք եղավ։
 +
 +
― Գուցե ամերիկյան բանակը պաշտպանության հասնի, ― ասաց փոխհյուպատոսը։ ― Ուզո՞ւմ եք էլի խմել, Սիմոնս։ Սաունդե՛րս, մի բաժակ էլ լցնեմ։
 +
 +
― Լցրեք, ― ասաց Սաունդերսը։
 +
 +
― Լսել եմ, որ արծաթե մեդալ եք ստանում, ― Էտտորեն ասաց ինձ։ ― Ինչի՞ հիման վրա են տալիս։
 +
 +
― Չգիտեմ։ Չեմ էլ իմանում, կստանամ, թե ոչ։
 +
 +
― Կստանաք։ Աստված իմ, Կովայի աղջիկների  ուշքը կգնա։ Կկարծեն, որ դուք մենակ երկու հարյուր ավստրիացու եք սպանել կամ մի ամբողջ խրամատ գերի բռնել։ Հավատացնում եմ, ես ճակատիս քրտինքով եմ արժանացել իմ պատվանշաններին։
 +
 +
― Քանի՞ հատ ունեք, Էտտորե, ― հարցրեց փոխհյուպատոսը։
 +
 +
― Ինչքան ուզես, ― ասաց Սիմոնսը։ ― Ինչ է, չգիտե՞ք, որ միայն նրա համար են պատերազմում։
 +
 +
― Երկու անգամ բրոնզե մեդալի են ներկայացրել, երեք անգամ էլ՝ արծաթե, ― ասաց Էտտորեն։ ― Բայց միայն մի հատ եմ միշտ ստացել։
 +
 +
― Իսկ մյուսնե՞րն ինչ են եղել, ― հարցրեց Սիմոնսը։
 +
 +
― Օպերացիան անհաջող էր անցել, ― ասաց Էտտորեն։ ― Իսկ երբ անհաջող է անցնում, ոչ մի մեդալ էլ չեն տալիս։
 +
 +
― Քանի՞ անգամ ես վիրավորվել, Էտտորե։
 +
 +
― Երեք անգամ ծանր։ Վերքերի համար երեք մակաթել ունեմ։ Խնդրեմ, կարող եք նայել։ ― Բարձրացրեց բաճկոնի թևը։ Ուսից ութ մատնաչափ ներքև, սև ֆոնի վրա, արծաթե երեք զուգահեռ շերտեր կային։
 +
 +
― Կարծես դուք էլ մի հատ ունեք, ― Էտտորեն ասաց ինձ։ ― Հավատացնում եմ, շատ լավ բան է մակաթել ունենալը։ Նույնիսկ մեդալից եմ նախընտրում։ Հավատացնում եմ, սիրելիս, երեք հատն արդեն ինչ֊որ բան արժե։ Անգամ մի հատ ստանալու համար պետք է երեք ամիս հիվանդանոց պառկել։
 +
 +
― Իսկ որտեղի՞ց եք վիրավորված, Էտտորե, ― հարցրեց փոխհյուպատոսը։
 +
 +
Էտտորեն բարձրացրեց թևը։
 +
 +
― Խնդրեմ, ― ցույց տվեց երկար, հարթ և կարմիր մի սպի։ ― Հետո՝ ոտքից։ Բայց չեմ կարող ցույց տալ, որովհետև փաթաթանի տակ է։ Մեկ էլ՝ թաթս։ Ոտքիս մեջ մեռած մի ոսկոր կա, որից մինչև հիմա վատ հոտ է գալիս։ Ամեն առավոտ մաս֊մաս դուրս եմ հանում, բայց հոտը չի անցնում։
 +
 +
― Ինչի՞ց եք վիրավորվել, ― հարցրեց Սիմոնսը։
 +
 +
― Նռնակից։ Կարտոֆիլի ճմլիչի նման մի բան էր։ Ոտքիս մի մասը տարավ։ ― Ու դարձավ ինձ։ ― Գիտե՞ք ինչ բան է կարտոֆիլի ճմլիչը։
 +
 +
― Իհա՛րկե։
 +
 +
― Տեսա, թե այդ շան որդին ոնց գցեց, ― ասաց Էտտորեն։ ― Նռնակը գետին շպրտեց ինձ, ու ես մտածեցի, որ մեռնում եմ արդեն, բայց դու մի ասա, այդ ճմլիչները բանի պետք չեն։ Հրացանով սպանեցի այդ շան որդուն։ Ես միշտ հրացան եմ պահում, որպեսզի չիմանան, որ սպա եմ։
 +
 +
― Ի՞նչ տեսք ուներ, ― հարցրեց Սիմոնսը։
 +
 +
― Ընդամենը մի նռնակ կար մոտը, ― ասաց Էտտորեն։ ― Չգիտեմ ինչու գցեց։ Երևի վաղուց էր առիթ փնտրում։ Գուցե երբեք իսկական կռիվ չէր տեսել։ Ես այդ շան որդուն տեղնուտեղը սպանեցի։
 +
 +
― Ի՞նչ տեսք ուներ, երբ կրակեցիք նրա վրա, ― հարցրեց Սիմոնսը։
 +
 +
― Ինչ իմանամ, ― ասաց Էտտորեն։ ― Փորին կրակեցի։ Վախեցա, որ եթե գլխին կրակեմ, կվրիպեմ։
 +
 +
― Վաղո՞ւց եք սպայի կոչում ստացել, Էտտորե, ― հարցրի ես։
 +
 +
― Երկու տարի։ Շուտով կապիտան կդառնամ։ Իսկ դուք վաղո՞ւց եք ստացել լեյտենանտի կոչում։
 +
 +
― Երրորդ տարին է արդեն։
 +
 +
― Դուք չեք կարող կապիտան դառնալ, որովհետև իտալերեն  վատ գիտեք, ― ասաց Էտտորեն։ ― Խոսել գիտեք, բայց չեք կարող վարժ կարդալ ու գրել։ Կապիտան դառնալու համար հատուկ կրթություն է պետք։ Ինչո՞ւ ամերիկյան բանակ չեք տեղափոխվում։
 +
 +
― Գուցե տեղափոխվեմ։
 +
 +
― Աստված տա ես էլ կարողանայի։ Ինչքա՞ն է ստանում ամերիկացի կապիտանը, Մակ։
 +
 +
― Հաստատ չգիտեմ։ Կարծեմ մոտ երկու հարյուր հիսուն դոլար։
 +
 +
― Հիսո՜ւս Քրիստոս, ինչ ասես չես անի երկու հարյուր հիսուն դոլարով։ Քանի շուտ է, տեղափոխվեք։ Տեսեք, թե կարող եք։
 +
 +
― Սիրով։
 +
 +
― Կարող եմ իտալերեն հրամաններ տալ վաշտին։ Ինչ մի դժվար բան է, անգլերեն էլ կսովորեմ։
 +
 +
― Դուք գեներալ էլ կդառնաք, ― ասաց Սիմոնսը։
 +
 +
― Ոչ, իմ գիտելիքները բավարար չեն, որպեսզի գեներալ դառնամ։ Իսկ գեներալը պետք է ամեն ինչ իմանա։ Ձեզ նման թեթևամիտները կարծում են, թե խաղ ու պար է պատերազմը։ Ձեր խելքը տասնապետի համար էլ քիչ է։
 +
 +
― Փառք աստծո, կարիք չունեմ, ― ասաց Սիմոնսը։
 +
 +
― Ինչ գիտեք, մեկ էլ տեսար բոլոր անբաններին հավաքեցին։ Չեք պատկերացնում, ինչքան կուզենայի, որ իմ դասակում լինեիք։ Մակն էլ։ Ես ձեզ իմ համհարզը կդարձնեի, Մակ։
 +
 +
― Դուք լավ տղա եք, Էտտորե, ― ասաց Մակը։ ― Բայց, իմ կարծիքով, ռազմամոլ եք։
 +
 +
― Մինչև պատերազմի վերջը գնդապետ կդառնամ։
 +
 +
― Եթե մինչ այդ չսպանեն ձեզ։
 +
 +
― Չեն սպանի։ ― Բթամատն ու ցուցամատը տարավ օձիքի աստղին։ ― Տեսա՞ք ինչ արեցի։ Եթե մահվան մասին խոսեն, պետք է միշտ աստղերը բռնել։
 +
 +
― Գնանք, Սիմ, ― ասաց Սաունդերսը և վեր կացավ։
 +
 +
― Գնանք։
 +
 +
― Ցտեսություն, ― ասացի ես։ ― Ես էլ պետք է գնամ։ ― Վեցից տասնհինգ էր պակաս։ ― Ciao, Էտտորե։
 +
 +
― Ciao, Ֆրեդ։ Լսել եմ, որ անպայման կստանաք։
 +
 +
― Դե լավ, ցտեսություն, ― ասացի ես։ ― Զգույշ, փորձանքի մեջ չընկնեք, Էտտորե։
 +
 +
― Մի անհանգստացեք։ Ոչ խմում եմ, ոչ էլ թրև գալիս։ Ոչ հարբեցող եմ, ոչ էլ կնամոլ։ Ես իմ գործը գիտեմ։
 +
 +
― Ցտեսություն, ― ասացի ես։ ― Ուրախ եմ, որ կապիտանի աստիճան են տալու ձեզ։
 +
 +
― Կարիք չի լինի սպասելու։ Մարտական ծառայությունների համար կտան։ Դուք հո լավ գիտեք։ Խաչաձև սրերով երեք աստղ, վերևում՝ թագ։ Եվ հենց ես եմ դա։
 +
 +
― Դե, հաջողություն։
 +
 +
― Ցտեսություն։ Ե՞րբ եք ճակատ վերադառնալու։
 +
 +
― Շուտով։
 +
 +
― Դե լավ, կհանդիպենք դեռ։
 +
 +
― Առայժմ։
 +
 +
― Ցտեսություն։ Շուտ լավացեք։
 +
 +
Քայլեցի դեպի մոտակա նրբանցքը և կարճ ճանապարհով դուրս եկա հիվանդանոց։ Էտտորեն քսաներեք տաեկան էր, ապրել ու մեծացել էր Սան Ֆրանցիսկոյում, հորեղբոր մոտ և նոր էր Տուրին եկել ծնողներին այցելելու, երբ պատերազմ էր հայտարարվել։ Նա մի քույր ուներ, որը նույնպես հորեղբոր մոտ էր ապրում և այս տարի պետք է ավարտեր մանկավարժական ուսումնարանը։ Նա այն օրինավոր ու միօրինակ հերոսներից էր, որոնք ձանձրույթ են պատճառում բոլորին։ Կետրինը չէր հանդուրժում նրան։
 +
 +
― Մեզ մոտ էլ հերոսներ կան, ― ասում էր նա, ― բայց, սիրելիս, նրանք սովորաբար շատ ավելի համեստ են։
 +
 +
― Նա ինձ չի խանգարում։
 +
 +
― Ինձ էլ չի խանգարում, միայն թե շատ պարծենկոտ է, հետո ձանձրալի մարդ է, ձանձրալի, ձանձրալի։
 +
 +
― Ինձ էլ է ձանձրույթ պատճառում։
 +
 +
― Գիտեմ, ինձ համար ես ասում, սիրելիս։ Բայց պետք չէ։ Պատկերացնում եմ նրան ռազմաճակատում, երևի լավ էլ կռվում է, բայց, միևնույն է, տանել չեմ կարող այդպիսի տղաների։
 +
 +
― Քիչ առաջ ասում էր, որ կապիտան է դառնալու։
 +
 +
― Ուրախ եմ, ― ասաց Կետրինը։ ― Երևի ինչքան գոհ է։
 +
 +
― Կուզենայի՞ր, որ ավելի բարձրաստիճան լինեի։
 +
 +
― Ոչ, սիրելիս։ Կուզենայի այնպիսի աստիճան ունենայիր, որ կարողանայինք ամենալավ ռեստորաններ գնալ։
 +
 +
― Այս աստիճանով էլ կարող ենք։
 +
 +
― Ես շատ եմ սիրում քո աստիճանը։ Պետք չէ ավելի բարձրը։ Դա կարող է նույնիսկ գլխահան անել քեզ։ Չես պատկերացնում, որքան ուրախ եմ, որ դու պարծենկոտ չես։ Եթե լինեիր էլ, կամուսնանայի։ Բայց գիտե՞ս ինչ հաճելի է, երբ ամուսինդ պարծենկոտ չէ։
 +
 +
Մենք ցածրաձայն խոսում էինք պատշգամբում։ Արդեն ուր որ է պետք է լուսինը երևար, բայց քաղաքի վրա մառախուղ էր իջել, և լուսին չկար։ Քիչ անց սկսեց անձրև մաղել, ու մենք ներս մտանք։ Շուտով մառախուղը փոխվեց տեղատարափ անձրևի, և մենք լսեցինք, թե ինչպես էին խոշոր կաթիլները թմբկահարում տանիքը։ Վեր կացա, մոտեցա պատշգամբին և ստուգեցի, թե ջուրը ներս չէ՞ր մտնում արդյոք, բայց պարզվեց, որ ոչ, ու ես բաց թողեցի դուռը։
 +
 +
― Էլ ո՞ւմ ես տեսել, ― հարցրեց Կետրինը։
 +
 +
― Միստր և միսսիս Մեյերսներին։
 +
 +
― Տարօրինակ զույգ են։
 +
 +
― Ասում են, որ հայրենիքում բանտարկված է եղել։ Բաց են թողել, որ ազատության մեջ մեռնի։
 +
 +
― Եվ այդ օրից ի վեր երջանիկ ապրո՞ւմ է։
 +
 +
― Չգիտեմ, թե որքանով է երջանիկ։
 +
 +
― Ենթադրում եմ, որ բանտից հետո պետք է երջանիկ լինի։
 +
 +
― Կինն ուզում է նվերներ բերել մեզ։
 +
 +
― Հիանալի նվերներ է բերում։ Դու էլ ես նրա սիրելի տղաներից մեկը, չէ՞։
 +
 +
― Անշուշտ։
 +
 +
― Բոլորդ էլ նրա սիրելի տղաներն եք, ― ասաց Կետրինը։ ― Նա միայն սիրելի տղաների է նախընտրում։ Լսո՞ւմ ես անձրևի ձայնը։
 +
 +
― Ուժեղ անձրև է։
 +
 +
― Եվ դու միշտ սիրելու ես ինձ, չէ՞։
 +
 +
― Այո։
 +
 +
― Եվ նշանակություն չունի, անձրև է գալիս, թե ոչ։
 +
 +
― Իհարկե չունի։
 +
 +
― Ինչ լավ է։ Որովհետև ես վախենում եմ անձրևից։
 +
 +
― Ինչո՞ւ։
 +
 +
Քունս տանում էր։ Դրսում համառորեն շարունակում էր անձրև տեղալ։
 +
 +
― Չգիտեմ, սիրելիս։ Միշտ վախեցել եմ անձրևից։
 +
 +
― Իսկ ես սիրում եմ։
 +
 +
― Սիրում եմ քայլել անձրևի տակ։ Բայց սիրո համար վատ նշան է անձրևը։
 +
 +
― Ես քեզ միշտ սիրելու եմ։
 +
 +
― Ես քեզ սիրելու եմ և անձրևին, և ձյունին, և կարկուտին․․․ Էլ ի՞նչ է լինում․․․
 +
 +
― Չգիտեմ։ Քունս տանում է։
 +
 +
― Քնիր, սիրելիս, իսկ ես ինչ էլ որ լինի, սիրելու եմ քեզ։
 +
 +
― Դու իսկապե՞ս վախենում ես անձերևից։
 +
 +
― Երբ քեզ հետ եմ՝ ոչ։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ ես վախենում։
 +
 +
― Չգիտեմ։
 +
 +
― Ասա։
 +
 +
― Մի ստիպիր։
 +
 +
― Ասա։
 +
 +
― Չեմ ասի։
 +
 +
― Ասա։
 +
 +
― Լավ։ Ես վախենում եմ անձրևից, որովհետև երբեմն ինձ թվում է, թե անձրևի տակ եմ մեռնելու։
 +
 +
― Ոչ, ոչ։
 +
 +
― Իսկ երբեմն էլ թվում է, թե դու ես մեռնելու։
 +
 +
― Դա ավելի հավանական է։
 +
 +
― Ոչ, սիրելիս։ Որովհետև ես կարող եմ պահպանել քեզ։ Գիտե՛մ, որ կարող եմ։ Բայց ոչ ոք չի կարող իրեն պահպանել։
 +
 +
― Խնդրում եմ, վերջ տուր։ Չեմ ուզում այս գիշեր շոտլանդական զառանցանքներ լսել։ Առանց այդ էլ քիչ ժամանակ ունենք։
 +
 +
― Ինչ կարող եմ անել, ես շոտլանդացի եմ և խենթ եմ։ Բայց վերջ կտամ։ Հիմար բաներ են դրանք։
 +
 +
― Այո, հիմար բաներ են։
 +
 +
― Հիմար բաներ են։ Հիմար բաներ, ուրիշ ոչինչ։ Ես չեմ վախենում անձրևից։ Ախ, աստված իմ, երանի թե կարողանայի։
 +
 +
Լաց էր լինում։ Հանգստացրի, ու նա լռեց։ Բայց դեռ անձրև էր գալիս։
 +
 +
 +
==Գլուխ 20==
 +
 +
Մի անգամ կեսօրից հետո գնացինք ձիարշավի։ Մեզ հետ էին Ֆերգյուսոնը և Քրոուել Ռոջերսը, որը ռումբի հեռացույց խողովակը հանելիս վնասել էր աչքը։ Աղջիկները հագնվում էին, իսկ մենք երկուսս նստել էինք Ռոջերսի սենյակում, նրա մահճակալին, և սպորտային տեղեկագրում կարդում էինք վերջին ձիարշավների արդյունքների մասին ու տարբեր ենթադրություններ, թե ովքեր կհաղթեն հետագա խաղերին։ Քրոուելի գլուխը վիրակապված էր, և ձիարշավը գրեթե չէր հետաքրքրում նրան, բայց քանի որ բան ու գործ չուներ, կանոնավոր կերպով կարդում էր սպորտային տեղեկագիրը և հետևում ձիերի խաղին։ Ասում էր, որ բոլոր ձիերն էլ անպետք են, բայց ավելի լավերը չկան այստեղ։ Ծերունի Մեյերսը սիրում էր նրան և խորհուրդներ էր տալիս։ Մեյերսը միշտ հաղթում էր, բայց չէր սիրում խորհուրդներ տալ, որովհետև դրանով նվազում էր իր շահույթը։ Ձիարշավի ժամանակ շատ խարդախություններ էին լինում։ Իտալիայում էին աշխատում այն բոլոր ժոկեյները, որոնց վռնդել էին աշխարհի բոլոր ձիարշավարաններից։ Մեյերսի խորհուրդներն ընդհանրապես ճիշտ էին, բայց ես չէի սիրում նրան հարցնել, որովհետև կամ չէր պատասխանում, կամ դժվարությամբ էր բերանը բացում, բայց, չգիտես ինչու, պարտավորված էր զգում անպայման հուշել մեզ, մանավանդ՝ Քրոուելին։ Քրոուելի աչքերը վնասված էին, մի աչքը՝ հատկապես, Մեյերսի աչքն էլ ինչ֊որ կարգին չէր, դրա համար էլ սիրում էր Քրոուելին։ Մեյերսը կնոջը երբեք չէր ասում, թե որ ձիու վրա է խաղում, և կինը մեկ շահում էր, մեկ տարվում, մեծ մասամբ՝ տարվում և անընդհատ շատախոսում։
 +
 +
Չորս հոգով նստեցինք մի բաց կառք ու գնացինք Սեն֊Սիրո։ Հիանալի օր էր։ Մենք անցանք զբոսայգով, հետո գնացինք տրամվայի գծերի երկայնքով, վերջապես դուրս եկանք քաղաքից և ընկանք մի փոշոտ ճանապարհ։ Ճանապարհի երկու կողմերում երկաթե ճաղերով առանձնատներ կային, լքված այգիներ, ջրառատ առուներ և փոշոտ տերևներով ծածկված ագարակներ։ Հարթավայրի ծայրին երևում էին ֆերմերների տները, ընդարձակ կանաչ դաշտեր, ոռոգիչ առուներ, իսկ հեռավոր հյուսիսում՝ լեռներ։ Ձիարշավարան տանող ճանապարհը լեցուն էր կառքերով։ Դարպասի մոտ կանգնած հսկիչը տոմս չպահանջեց մեզնից, որովհետև մենք զինվորական համազգեստով էինք։ Իջանք կառքից, գնեցինք ծրագիրը, անցանք ճիմով պատված հարթ ճանապարհով և դուրս եկանք մարգաստան։ Տախտակե հին տրիբունաներ էին, տրիբունաների ներքևում՝ դրամարկղներ։ Ախոռների առջև՝ ևս մի շարք դրամարկղներ։ Ցանկապատի մոտ զինվորներ էին խռնվել։ Մարգաստանում մեծ բազմություն էր հավաքվել։ Դռների առջև, մեծ տրիբունայից այն կողմ, ախոռապանները ծառերի տակ ման էին ածում ձիերին։ Ծանոթների միջոցով աթոռներ ճարեցինք Ֆերգյուսոնի և Կետրինի համար ու սկսեցինք դիտել ձիերին։
 +
 +
Նրանք ման էին գալիս կլոր շրջանակի մեջ, սանձերից բռնված և գլուխները կախ։ Նրանցից մեկը սև էր, մանիշակագույն երանգով, ու Քրոուելը երդվում էր, թե այդ ձին ներկված է։ Ուշադիր նայեցինք և համաձայնեցինք նրա հետ։ Ձին դուրս բերեցին՝ թամբելու ազդանշան տալուց քիչ առաջ։ Իմացանք ախոռապանի թևին կապված համարը և, ըստ այդ համարի, ծրագրում փնտրեցինք ձիու անունը՝ սևաթույր կրտած ձի, անունը՝ Յափալաք։ Այսօր մրցման էին դուրս գալու այն ձիերը, որոնք հազար լիրայից ավելի չէին շահել երբեք։ Կետրինը հաստատ համոզված էր, որ ձին ներկել են։ Ֆերգյուսոնն ասաց, որ վստահ չէ։ Նրա տեսքն ինձ էլ էր կասկածելի թվում։ Որոշեցինք հենց այդ ձիու վրա խաղալ ու հարյուրական լիրա դրեցինք։ Հաշվեթղթում գրված էր, որ հաղթելու դեպքում երեսունհինգ անգամ ավելի կվճարվի։ Քրոուելը գնաց տոմսերն առնելու, իսկ մենք դիտում էինք, թե ինչպես ժոկեյները ծառերի տակ մի շրջան էլ արեցին, հետո ճանապարհ դուրս եկան և դանդաղ վազքով ուղղվեցին դեպի շրջադարձը, որտեղից պետք է մեկնարկ տրվեր։
 +
 +
Բարձրացանք տրիբունա, որպեսզի ձիարշավին հետևենք։ Այդ ժամանակ Սեն֊Սիրոյում առաձգական արգելագծեր չկային։ Մի մարդ հավասարեցրեց շարք կանգնած բոլոր ձիերին (հեռվից շատ փոքր էին երևում նրանք), հետո, երկար մտրակը օդում շրխկացնելով, մեկնարկ տվեց։ Նրանք անցան մեր դիմացից։ Սևաթույր ձին առջևից էր վազում, իսկ շրջադարձի մոտ մյուսներն արդեն բավական ետ էին ընկել նրանից։ Նայեցի հեռադիտակից ու տեսա, թե ինչպես էր ժոկեյը ճգնում զսպել նրան ու չէր կարողանում, և երբ ձիերն անցան շրջադարձից ու դուրս եկան առաջին վազքուղին, սևուկը տասնհինգ կորպուսով առաջ էր մյուսներից։ Նա անցավ սյունից և ևս կես շրջան արեց։
 +
 +
― Հիանալի է, ― ասաց Կետրինը։ ― Երեք հազար լիրայից ավելի կշահենք։ Ինչ հրաշալի ձի է։
 +
 +
― Հուսով եմ, որ մինչև վճարումը չի գունաթափվի, ― ասաց Քրոուելը։
 +
 +
― Չէ, իսկապես, հրաշալի ձի է, ― ասաց Կետրինը։ Հետաքրքիր է, միստր Մեյերսը նրա վրա՞ է խաղացել, թե ոչ։
 +
 +
― Շահեցի՞ք, ― գոռացի ես Մեյերսին։
 +
 +
Նա գլխով արեց։
 +
 +
― Իսկ ես տանուլ տվեցի, ― ասաց միսսիս Մեյերսը։ ― Իսկ դուք ո՞ր ձիու վրա էիք խաղում, երեխաներ։
 +
 +
― Յափալաքի։
 +
 +
― Իսկապե՞ս։ Այդ ձիու համար մեկի դիմաց երեսունհինգ են տալիս։ Գույնը դուր եկավ մեզ։
 +
 +
― Իսկ ինձ դուր չեկավ։ Շատ խեղճ թվաց։ Ասում էին, որ չարժե նրա վրա խաղալ։
 +
 +
― Շահույթը քիչ կլինի, ― ասաց Մեյերսը։
 +
 +
― Երեսունհինգ է նշված, ― ասացի ես։
 +
 +
― Շահույթը քիչ կլինի, ― ասաց Մեյերսը։ ― Վերջին պահին ահագին փող դրեցին այդ ձիու վրա։
 +
 +
― Ո՞վ։
 +
 +
― Քեմփթոնն ու իր տղաները։ Այ, կտեսնեք։ Եթե մեկի դիմաց երկու տան, էլի լավ է։
 +
 +
― Ուրեմն, երեք հազար լիրա չենք ստանա, ― ասաց Կետրինը։ ― Չեմ հավանում այս ձիարշավերը։ Պարզապես խարդախություն են անում։
 +
 +
― Երկու հարյուր լիրա կստանաք։
 +
 +
― Դատարկ բան։ Ինչներիս է պետք երկու հարյուր լիրան։ Կարծում էի, երեք հազար կստանանք։
 +
 +
― Խարդախություն և զզվանք, ― ասաց Ֆերգյուսոնը։
 +
 +
― Ճիշտ է, ― ասաց Կետրինը։ ― Եթե խարդախություն չանեին, մենք այդ ձիու վրա չէինք խաղա։ Բայց ինձ դուր է գալիս, որ երեք հազար լիրա ենք շահելու։
 +
 +
― Իջնենք, մի բան խմենք և իմանանք, թե ինչ ենք շահել, ― ասաց Քրոուելը։
 +
 +
Մոտեցանք հաշվետախտակին, և հենց այդ ժամանակ վճարումների զանգը խփեց, ու Յափալաքի անվան դիմաց գրվեց տասնութ ու հիսուն։ Դա նշանակում էր, որ մեկի դեմ երկուս էլ չենք ստանա։
 +
 +
Իջանք մեծ տրիբունայի տակ գտնվող բարը և մի֊մի սոդայով վիսկի խմեցինք։ Հանդիպեցինք երկու ծանոթ իտալացիների և փոխհյուպատոս Մակ Ադամսին ու միասին վեր բարձրացանք։ Իտալացիները հանդիսավոր էին պահում իրենց։ Մակ Ադամսը խոսքի բռնվեց Կետրինի հետ, իսկ մենք իջանք ներքև՝ նորից տոմսեր առնելու։ Դրամարկղներից մեկի մոտ կանգնած էր միստր Մեյերսը։
 +
 +
― Հարցրեք, թե որ ձիու վրա է խաղում, ― ասացի Քրոուելին։
 +
 +
― Որի՞ վրա եք խաղում, միստր Մեյերս, ― հարցրեց Քրոուելը։
 +
 +
Մեյերսը ծոցագրպանից հանեց ծրագիրը և մատիտով ցույց տվեց հինգերորդ համարը։
 +
 +
― Դեմ չե՞ք, եթե մենք էլ այդ համարի վրա խաղանք, ― հարցրեց Քրոուելը։
 +
 +
― Խաղացեք, խաղացեք։ Բայց կնոջս չասեք, որ ես եմ ձեզ խորհուրդ տվել։
 +
 +
― Գնանք մի բան խմենք, ― ասացի ես։
 +
 +
― Շնորհակալություն։ Առհասարակ չեմ խմում։
 +
 +
Մեկ շրջանի համար վճարեցինք լիրա, երկու շրջանի համար՝ ևս հարյուր, և դարձյալ մի֊մի բաժակ սոդայով վիսկի խմեցինք։ Տրամադրությունս շատ բարձր էր։ Մենք նորից երկու ծանոթ իտալացու հանդիպեցինք, խմեցինք յուրաքանչյուրի հետ և վերադարձանք աղջիկների մոտ։ Այս իտալացիները ևս շատ հանդիսավոր էին իրենց պահում և այդ իմաստով չէին զիջում նախորդ երկուսին։ Այնքան էին հանդիսավոր, որ քիչ անց արդեն ոչ ոք չէր կարողանում տեղը նստել։ Տոմսերը տվեցի Կետրինին։
 +
 +
― Ո՞ր ձին է։
 +
 +
― Չգիտեմ։ Միստր Մեյերսն է ընտրել։
 +
 +
― Անո՞ւնն էլ չգիտես։
 +
 +
― Ոչ։ Կարող ես ծրագրում փնտրել։ Կարծեմ հինգերորդն է։
 +
 +
― Շատ հուզիչ է ձեր դյուրահավատությունը, ― ասաց նա։
 +
 +
Հինգերորդը հաղթեց, բայց մենք ոչինչ չշահեցինք։ Միստր Մեյերսը զայրացած էր։
 +
 +
― Քսան լիրա շահելու համար պետք է երկու հարյուր դնել, ― ասաց նա։ ― Տասի դիմաց՝ տասներկու։ Ի՞նչ օգուտ դրանից։ Կինս քսան լիրա է շահել։
 +
 +
― Ես ձեզ հետ կգամ, ― Կետրինն ասաց ինձ։
 +
 +
Իտալացիները վեր կացան։ Մենք իջանք ներքև և մոտեցանք մարգաստանին։
 +
 +
― Հավանո՞ւմ եք այստեղ, ― հարցրեց Կետրինը։
 +
 +
― Ոչինչ, կարծես վատ չէ։
 +
 +
― Համենայն դեպս, հետաքրքիր է, ― ասաց նա։ ― Բայց, գիտես, սիրելիս, տանել չեմ կարող, երբ այսքան ծանոթներ են լինում շուրջդ։
 +
 +
― Ինչու, այնքան շատ էլ չեն։
 +
 +
― Ճիշտ է։ Բայց այդ մեյերսները, մեկ էլ բանկի աշխատողն իր կնոջ ու դուստրիկի հետ․․․
 +
 +
― Նա է վճարում չեկերը։
 +
 +
― Նա չլինի, թող ուրիշը լինի։ Իսկ իտալացի չորս տղաներն ուղղակի անտանելի էին։
 +
 +
― Ուզում ես, մնանք, այստեղից հետևենք մրցմանը։
 +
 +
― Շատ լավ կլինի։ Մեկ էլ, գիտես ինչ, արի մի այնպիսի ձիու վրա խաղանք, որի անունն անգամ չենք լսել և, մանավանդ, որի վրա չի խաղում միստր Մեյերսը։
 +
 +
― Արի։
 +
 +
Մենք խաղացինք «Աչքի լույս» անունով մի ձիու վրա, որը հինգից չորրորդը հասավ ֆինիշին։ Ցանկապատին հենված, նայում էինք ձիերին, որոնք, սմբակները գետնին զարնելով, անցնում էին մեր կողքից։ Ծառերից ու դաշտերից այն կողմ երևում էր Միլանը, իսկ ավելի հեռվում՝ լեռները։
 +
 +
― Այստեղ կարծես մի տեսակ ավելի մաքուր եմ, ― ասաց Կետրինը։
 +
 +
Թաց և քրտնած ձիերը վերադառնում էին ու ներս մտնում դարպասից։ Ժոկեյները հանգստացնում էին նրանց, մոտենում ծառերին և իջնում։
 +
 +
― Արի մի բան խմենք։ Միայն թե այստեղ, որպեսզի տեսնենք ձիերին։
 +
 +
― Հիմա կբերեմ, ― ասացի ես։
 +
 +
― Տղան թող բերի, ― ասաց Կետրինը և բարձրացրեց ձեռքը։ Ախոռների մոտ գտնվող «Փագոդա» բարի տղաներից մեկը մոտեցավ մեզ։ Նստեցինք երկաթե կլոր սեղանի շուրջը։
 +
 +
― Ավելի լավ չէ՞, երբ մենակ ենք։
 +
 +
― Այո, ― ասացի ես։
 +
 +
― Ես շատ մենակ էի, երբ մեզ հետ այդքան մարդիկ կային։
 +
 +
― Այստեղ շատ լավ է, ― ասացի ես։
 +
 +
― Այո։ Հոյակապ ձիարշավարան է։
 +
 +
― Ճիշտ է։
 +
 +
― Մի թող, որ հաճույքդ փչացնեմ։ Հենց որ ուզենաս կբարձրանանք։
 +
 +
― Ոչ, ― ասացի ես։ ― Կմնանք այստեղ ու կխմենք։ Հետո խոչընդոտներով ձիարշավ կլինի, ու մենք կկանգնենք ջրափոսի մոտ։
 +
 +
― Ինչքան բարի ես իմ նկատմամբ, ― ասաց նա։
 +
 +
Ու քանի որ այսքան երկար մնացինք մենակ, արդեն հաճելի էր մյուսներին տեսնել։ Եվ մենք հիանալի ժամանակ անցկացրինք։
 +
 +
 +
==Գլուխ 21==
 +
 +
Եկան սեպտեմբերյան առաջին ցուրտ գիշերները, հետո օրերն էլ ցրտեցին, տերևները դեղնեցին զբոսայգում, և մենք հասկացանք, որ ամառն անցավ։ Գործերը վատ էին ռազմաճակատում, և դեռ չէր հաջողվում Սան֊Գաբրիելեն գրավել։ Բարինզիցիայի հարթավայրում մարտեր չկային արդեն, իսկ ամսվա կեսին Սան֊Գաբրիելեի տակ ևս մարտերը դադարեցին։ Այդպես էլ չկարողացան քաղաքը գրավել։ Էտտորեն գնաց ռազմաճակատ։ Ձիերին Հռոմ տարան, ու ձիարշավներ այլևս չկային։ Քրոուելը ևս Հռոմ գնաց, որտեղից տեղափոխվելու էր Ամերիկա։ Քաղաքում երկու անգամ հակապատերազմական խռովություն բարձրացավ, լուրջ անկարգություններ եղան նաև Տուրինում։ Ակումբում մի անգլիացի մայոր ինձ ասաց, որ իտալացիները հարյուր հիսուն հազար զինվոր են կորցրել Բարինզիցա հարթավայրում և Սան֊Գաբրիելեի տակ։ Բացի այդ, նա ասաց, որ քառասուն հազար էլ Կարսոյի մոտ են կորցրել։ Մենք խմեցինք, ու նրա լեզուն բացվեց։ Ասաց, որ այս տարի է՛լ ոչ մի մարդ չի լինի և որ իտալացիները իրենց վերմակից ավելին են ոտքերը պարզել։ Ասաց, որ Ֆլանդրիայի վրա կատարված հարձակումը անհաջողության էր մատնվել։ Եթե այսուհետև էլ, այս աշնան նման, մարդկանց չխնայեն, դաշնակիցները մի տարուց կկործանվեն։ Ասաց, որ բոլորս էլ արդեն կործանված ենք, բայց քանի դեռ չգիտենք, հանգիստ ապրում ենք։ Բոլորս էլ կործանված ենք։ Միակ միջոցն է չխոստովանել։ Կհաղթի այն երկիրը, որ վերջինը գլխի կընկնի իր կործանումը։ Մի քիչ էլ խմեցինք։ Ես շտաբից չե՞մ։ Ոչ։ Իսկ ինքը շտաբից է։ Երկուսս էլ, մենակ, փռվել էինք կաշվե մեծ բազմոցին։ Երկարաճիտ փայլատ կոշիկները խնամքով ներկված էին։ Հրաշալի կոշիկներ էին։ Նա ասաց, որ դատարկ բաներ են այս ամենը։ Բոլորն միայն դիվիզիաների և համալրումների մասին են մտածում։ Դիվիզիաների համար իրար միս են կրծում, իսկ հենց որ ստանձնում են ղեկավարությունը, տեղնուտեղը ոչնչացնում են այն։ Բոլորն էլ կործանված են։
 +
 +
Գերմանացիներն անընդհատ հաղթում էին։ Ա՜յ թե զինվոր եմ ասել։ Հին հոները, ահա թե ովքեր են իսկական զինվորները։ Բայց նրանք էլ են կործանված։ Բոլորս ենք կործանված։ Հարցրի, թե ինչ կարծիքի էր ռուսների մասին։ Ասաց, որ նրանք էլ են արդեն կործանված։ Շուտով ինքս էլ կհամոզվեմ, որ կործանված եմ։ Ավստրիացիներն էլ են կործանված։ Եթե մի քանի հոնական դիվիզիա ստանան, գլուխ կհանեն։ Իսկ ի՞նչ է կարծում, կհարձակվե՞ն այս աշնանը։ Անկասկած։ Իտալացիները կործանված են։ Բոլորն էլ գիտեն, որ նրանք կործանված են։ Հին հոները կանցնեն Տրենտինոն և Վիչենցայի մոտ կկտրեն երկաթուղային հաղորդակցությունը, և ի՞նչ կլինի իտալացիների վիճակը։ Տասնվեց թվականին ավստրիացիներն արդեն փորձել են, ասացի ես։ Բայց առանց գերմանացիների։ Ճիշտ է, ասացի ես։ Բայց դժվար թե այդպիսի բան անեն, ասաց նա։ Դա շատ պարզ միջոց էր։ Նրանք մի ավելի բարդ բան կմտածեն և վերջնականապես կկործանեն իրենց։ Պետք է գնամ, ասացի ես։ Պետք է հիվանդանոց գնամ։
 +
 +
― Ցտեսություն, ― ասաց նա։ Հետո զվարթ, ― հաջողություն։
 +
 +
Խոր հակասություն կար նրա հոռետես դատողությունների և ուրախ բնավորության միջև։
 +
 +
Մտա վարսավիրանոց ու սափրվեցի, հետո գնացի հիվանդանոց։ Այս օրերին ոտքս այնքան էր լավացել, որ ավելին չէի էլ պատկերացնում։ Դեռ երեք օր առաջ էին քննել։ Ospedale Maggiore-ում մի քանի պրոցեդուրա էր մնացել, ու հիմա ես քայլում էի նրբանցքով և փորձում էի չկաղալ։ Մի ծերունի, ծածկի տակ նստած, ուրվանկարներ էր կտրում թղթի վրա։ Կանգնեցի ու դիտեցի։ Երկու աղջիկ էին կանգնել նրա դիմաց, իսկ նա, գլուխը մի կողմ թեքած, նայում էր նրանց և, մկրատն արագ շարժելով, նույն թղթի վրա կտրում երկուսի ուրվանկարները։ Աղջիկները քրքջում էին։ Մինչև սպիտակ թղթի վրա փակցնելը և աղջիկներին տալը, ծերունին ինձ ցույց տվեց ուրվանկարները։
 +
 +
― Լավ են, չէ՞, ― ասաց նա։ ― Չէի՞ք ուզենա։
 +
 +
Աղջիկները իրենց ուրվանկարներին նայելով ու ծիծաղելով հեռացան։ Նրանցից մեկն աշխատում էր հիվանդանոցի դիմաց գտնվող գինետանը։
 +
 +
― Դե լավ, ― համաձայնեցի ես։
 +
 +
― Գլխարկը հանեք։
 +
 +
― Ոչ։ Թող մնա գլխարկը։
 +
 +
― Վատ կստացվի, ― ասաց ծերունին։ Հետո հանկարծ դեմքը պայծառացավ։ ― Ոչինչ, կարելի է, այսպես ավելի ռազմաշունչ կլինի։
 +
 +
Սև թղթի վրա շարժեց մկրատը, հետո երկու մասի բաժանեց, պրոֆիլները կպցրեց ստվարաթղթին և մեկնեց ինձ։
 +
 +
― Ինչքա՞ն տամ։
 +
 +
― Ոչինչ։ ― Թափ տվեց ձեռքը։ ― Հենց այնպես արեցի ձեզ համար։
 +
 +
― Խնդրում եմ։ ― Մի քանի պղնձադրամ հանեցի։ ― Բարի եղեք։
 +
 +
― Ոչ։ Ես հաճույքի համար արեցի։ Տվեք ձեր աղջկան։
 +
 +
― Շնորհակալություն, ցտեսություն։
 +
 +
― Մինչև նոր հանդիպում։
 +
 +
Վերադարձա հիվանդանոց։ Գրասենյակում ինձ մի քանի նամակ տվեցին, որոնցից մեկը պաշտոնական էր։ Ինձ երեք շաբաթ արձակուրդ էին տալիս, որպեսզի լավ կազդուրվեի, իսկ երեք շաբաթ հետո պետք է գնայի ռազմաճակատ։ Ուշադիր կարդացի։ Այո, այդպես էլ գրված էր։ Հոկտեմբերի չորսից, այսինքն, բուժման ավարտից անմիջապես հետո, ես համարվում էի արձակուրդի մեջ։ Երեք շաբաթը բաղկացած է քսանմեկ օրից։ Ուրեմն՝ մինչև հոկտեմբերի քսանհինգը։ Ասացի, որ զբոսնելու եմ մի քիչ և գնացի ընթրելու հիվանդանոցից քիչ այն կողմ գտնվող ռեստորանում, կարդացի նամակները և Corriere della Serra թերթը։ Նամակներից մեկը պապիցս էր, ընտանեկան նորություններ, հայրենասիրական խրատներ, երկու հարյուր դոլլարի չեկ և թերթերի մի քանի կտրածո։ Ձանձրալի մի նամակ մեր վարդապետից, նամակ ֆրանսիական օդագնացության մեջ ծառայող մի ծանոթ օդաչուից, որը պատմում էր իր ուրախ շրջապատի մասին և մի երկտող Ռինալդիից, որը հարցնում էր, թե ինչքան եմ դեռ վեր ընկնելու Միլանում և ընդհանրապես ի՞նչ նորություններ կան այստեղ։ Նա մի ցուցակ էր ուղարկել և խնդրում էր, որ, ըստ այդ ցուցակի, ձայնապնակներ գնեմ և ինձ հետ տանեմ։ Ընթրիքին մի շիշ կիանտի խմեցի, հետո՝ կոնյակով սուրճ, մինչև վերջ կարդացի թերթը, նամակները դրեցի գրպանս, թերթն ու մանր դրամները թողեցի սեղանին ու դուրս եկա։ Հիվանդանոցի սենյակում հանեցի համազգեստս, հագա պիժամս և խալաթս, փակեցի պատշգամբի վարագույրները և, կիսապառկած, սկսեցի կարդալ բոստոնյան թերթերը, որոնք միսսիս Մեյերսն էր բերել իր սիրելի տղաներին։ Չիկագո ― Ուայթ ― Սոքս խումբը շահել էր ամերիկյան լիգայի մրցանակը, իսկ Ազգային լիգայում առաջին տեղն էր գրավել Նյու֊Յուրք Ջայենթսի խումբը։ Բեյբ Ռութը հիմա Բոստոնում էր խաղում։ Ձանձրալի թերթեր էին, շատերը՝ տեղական ու մաշված, իսկ պատերազմական տեղեկությունները՝ հին։ Ամերիկյան լուրերում անընդհատ խոսվում էր ռազմավարժարանների մասին։ Ուրախ էի, որ ռազմավարժարանում չեմ։ Սպորտային լուրերից բացի ուրիշ ոչինչ չէի կարողանում կարդալ, թեև դրանք էլ առանձնապես հետաքրքիր չէին։
 +
 +
Երբ միանգամից շատ թերթ ես կարդում, հնարավոր չէ հետաքրքրությամբ կարդալ։ Թերթերն այնքան էլ նոր չէին, բայց ես բոլորը կարդացի։ Մտածում էի, թե արդյոք կփակե՞ն սպորտային միությունները, եթե Ամերիկան լրջորեն մասնակցի պատերազմին։ Դժվար թե։ Միլանում, առաջվա պես, ձիարշավեր էին լինում, թեև պատերազմի ամենաեռուն շրջանն էր։ Ֆրանսիայում արդեն ձիարշավեր չկան։ Հենց այնտեղից էլ բերել էին մեր Յափալաքին։ Կետրինի հերթապահությունը սկսվում էր ուղիղ ժամը իննից։ Ու երբ նա եկավ, միջանցքից լսեցի ոտնաձայները և, մի անգամ, բայց դռնից տեսա նրան։ Նա շրջեց մյուս պալատները, հետո եկավ ինձ մոտ։
 +
 +
― Ուշ եմ եկել, սիրելիս, ― ասաց նա։ ― Շատ գործ ունեի։ Ինչպե՞ս ես։
 +
 +
Պատմեցի թերթերի ու արձակուրդի մասին։
 +
 +
― Ինչ լավ է, ― ասաց նա։ ― Ո՞ւր ես ուզում գնալ։
 +
 +
― Ոչ մի տեղ։ Ուզում եմ այստեղ մնալ։
 +
 +
― Շատ իզուր։ Մի լավ տեղ գտիր, ես էլ կգամ։
 +
 +
― Ինչպե՞ս։
 +
 +
― Չգիտեմ։ Բայց կգամ։
 +
 +
― Ինչ լավն ես։
 +
 +
― Ոչ, լավը չեմ։ Բայց երբ կյանքում ոչինչ չունես կորցնելու, ամեն ինչ կարելի է հեշտությամբ կարգավորել։
 +
 +
― Ի՞նչ ես ուզում ասել։
 +
 +
― Ոչինչ։ Մտածում էի, թե հիմա ինչքան չնչին են այն խոչընդոտները, որոնք առաջ մեծ էին թվում։
 +
 +
― Կարծում եմ, որ դժվար կլինի այս մեկը կարգավորել։
 +
 +
― Ոչ, սիրելիս։ Ծայրահեղ դեպքում ամեն ինչ կթողնեմ, կգնամ։ Բայց դժվար թե բանը դրան հասնի։
 +
 +
― Իսկ ո՞ւր գնանք։
 +
 +
― Միևնույն է։ Ուր որ ուզում ես։ Մի տեղ, ուր ոչ մի ծանոթ չկա։
 +
 +
― Ուրեմն միևնո՞ւյն է քեզ համար։
 +
 +
― Այո։ Միայն թե գնանք։
 +
 +
Նա մի տեսակ լարված էր ու մտհոգված։
 +
 +
― Ի՞նչ է պատահել, Կետրին։
 +
 +
― Ոչինչ։ Ոչինչ չի պատահել։
 +
 +
― Ճիշտ չես ասում։
 +
 +
― Ճիշտ եմ ասում։ Ոչինչ չի պատահել։
 +
 +
― Ոչ, ճիշտ չես։ Ասա ինձ, սիրելիս։ Դու ինձ կարող ես ասել։
 +
 +
― Ոչինչ չի պատահել։
 +
 +
― Ասա։
 +
 +
― Չեմ ուզում։ Վախենում եմ վշտանաս կամ անհանգստանաս։
 +
 +
― Մի վախենա։
 +
 +
― Վստա՞հ ես։ Դա ինձ չի վշտացնում, բայց վախենում եմ, որ քեզ վշտացնի։
 +
 +
― Եթե քեզ չի վշտացնում, ուրեմն, ինձ էլ չի կարող։
 +
 +
― Չեմ ուզում ասել։
 +
 +
― Ասա։
 +
 +
― Շա՞տ ես ուզում։
 +
 +
― Այո։
 +
 +
― Երեխայի եմ սպասում, սիրելիս։ Գրեթե երեք ամիս է արդեն։ Չես վշտանում, չէ՞։ Խնդրում եմ, մի վշտանա։ Չպետք է վշտանաս։
 +
 +
― Չեմ վշտանում։
 +
 +
― Իսկապե՞ս։
 +
 +
― Իհարկե։
 +
 +
― Ամեն ինչ արեցի։ Ամեն ինչ փորձեցի, բայց բան դուրս չեկավ։
 +
 +
― Ինչո՞ւ պիտի վշտանամ։
 +
 +
― Այդպես ստացվեց, սիրելիս, բայց ես չվշտացա։ Դու էլ մի վշտանա և մի անհանգստանա։
 +
 +
― Ես միայն քեզ համար եմ անհանգստանում։
 +
 +
― Իզուր։ Ինչ մի արտակարգ բան է եղել։ Բոլորն են ծննդաբերում։ Բնական երևույթ է։
 +
 +
― Ինչ լավն ես։
 +
 +
― Ոչ, լավը չեմ։ Բայց դու չպետք է մտածես, սիրելիս։ Կաշխատեմ չանհանգստացնել քեզ։ Չնայած արդեն անհանգստացրի։ Բայց մինչև հիմա լավ էի պահում ինձ, չէ՞։ Մտքովդ անգամ չէր անցում, չէ՞։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Սրանից հետո էլ այդպես կլինի։ Դու բնավ չպետք է վշտանաս։ Բայց տեսնում եմ, որ արդեն վշտացել ես։ Վերջ տուր։ Հենց հիմա վերջ տուր։ Ուզո՞ւմ ես մի բան խմել, սիրելիս։ Գիտեմ, հենց որ խմում ես, տրամադրությունդ իսկույն բարձրանում է։
 +
 +
― Ոչ։ Հիմա էլ բարձր է տրամադրությունս։ Իսկ դու աննման ես։
 +
 +
― Ոչ, աննման չեմ։ Բայց ես ամեն ինչ կկարգավորեմ, ու մենք միասին կլինենք, միայն որոշիր ուր գնալ։ Երևի լավ եղանակ կլինի հոկտեմբերին։ Մենք հիանալի ժամանակ կանցկացնենք, իսկ երբ ճակատ գնաս, ես ամեն օր կգրեմ քեզ։
 +
 +
― Իսկ դու որտե՞ղ կլինես։
 +
 +
― Դեռ չգիտեմ։ Բայց երևի մի շատ լավ տեղ։ Ես հետո ամեն ինչ կհոգամ։
 +
 +
Որոշ ժամանակ լուռ էինք։ Կետրինը նստել էր մահճակալին, ու ես նայում էի նրան, բայց մենք չէինք դիպչում իրար։ Մեզնից ամեն մեկը քաշվել էր իր մեջ, կարծես մի կողմնակի մարդ էր սենյակ մտել և անհարմար վիճակ ստեղծել։ Նա բռնեց իմ ձեռքը։
 +
 +
― Չե՞ս նեղանում, չէ՞։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Եվ քեզ չի թվում, թե ծուղակ ես ընկել, չէ՞։
 +
 +
― Մի քիչ, բայց ոչ քո պատճառով։
 +
 +
― Գիտեմ, որ իմ պատճառով չէ։ Հիմար բաներ մի ասա։ Ընդհանրապես ծուղակ նկատի ունեի։
 +
 +
― Ֆիզիոլոգիան միշտ էլ ծուղակ է։
 +
 +
Մի պահ նա կարծես հեռացավ ինձնից, թեև ոչ շարժվում էր, ոչ էլ ձեռքս էր բաց թողել։
 +
 +
― «Միշտը» վատ բառ է։
 +
 +
― Ներիր։
 +
 +
― Ոչինչ։ Բայց, հասկանում ես, ես երբեք երեխա չեմ ունեցել, երբեք ոչ մեկին չեմ սիրել։ Փորձել եմ այնպիսին լինել, ինչպիսին դու ես ցանկացել, և հանկարծ ասում ես «միշտ»։
 +
 +
― Դե լավ, հիմա լեզուս կկտրեմ, ― ասացի ես։
 +
 +
― Սիրելիս։ ― Նա նորից վերադարձավ ինձ մոտ։ ― Ուշադրություն մի դարձրու ինձ վրա։ ― Մենք նորից միասին էինք, և անհարմար վիճակն արդեն վերացել էր։ ― Չէ՞ որ մենք մի մարմին ենք։ Կարիք չկա դատարկ բաներից կպչել։
 +
 +
― Եվ չենք կպչի։
 +
 +
― Բայց հաճախ է այդպես լինում։ Մարդիկ սիրում են իրար, և դատարկ բաներից կպչում, վիճում են, գժտվում, և մի օր էլ հանկարծ պարզվում է, որ այլևս մի մարմին չեն։
 +
 +
― Մենք չենք գժտվի։
 +
 +
― Չպետք է գժտվենք։ Չէ՞ որ աշխարհում միայն ես ու դու ենք բոլոր մյուսների դիմաց։ Եթե մեր միջև որևէ վատ բան լինի, մենք կկորչենք, և մեզ իսկույն կհոշոտեն։
 +
 +
― Չեն կարողանա, ― ասացի ես։ ― Որովհետև դու շատ քաջ ես։ Քաջերին դժվար է ծնկի բերել։
 +
 +
― Բայց նրանք էլ են մեռնում։
 +
 +
― Միայն մի անգամ։
 +
 +
― Մի՞թե։ Իսկ ո՞վ է ասել․․․
 +
 +
― Որ վախկոտը հազար անգամ է մեռնում, իսկ քաջը մե՞կ։
 +
 +
― Այո։ Բայց ո՞վ է ասել։
 +
 +
― Չգիտեմ։
 +
 +
― Երևի ասողն ինքը վախկոտ է եղել։ Շատ բան է իմացել վախկոտների մասին, իսկ քաջերի մասին՝ ոչինչ։ Եթե քաջը նաև խելացի է, գուցե և երկու հազար անգամ է մեռնում։ Միայն թե չի պատմում։
 +
 +
― Չգիտեմ։ Դժվար է քաջերի հոգին կադալ։
 +
 +
― Այո։ Եվ հենց դրանով են նրանք ուժեղ։
 +
 +
― Գիտակի պես ես խոսում։
 +
 +
― Ճիշտ ես, սիրելիս։ Այս անգամ արժանի էի գովեստիդ։
 +
 +
― Դու քաջ ես։
 +
 +
― Ոչ, ― ասաց նա։ ― Բայց ուզո՛ւմ եմ լինել։
 +
 +
― Իսկ ես քաջ չեմ։ Ես իմ գործը գիտեմ։ Վաղուց եմ ինձ ճանաչում։ Ես նման եմ այն բեյսբոլիստին, որը սեզոնում երկու հարյուր երեսուն գնդակ է խփում և գիտե, որ ավելին չի կարող։
 +
 +
― Ի՞նչ է նշանակում «սեզոնում երկու հարյուր երեսուն գնդակ խփել»։ Չտեսնված տպավորիչ է հնչում։
 +
 +
― Բնավ էլ տպավորիչ չէ։ Դա նշանակում է միջակ հարձակվող լինել։
 +
 +
― Բայց և այնպես՝ հարձակվող, ― անընդհատ դրդում էր նա ինձ։
 +
 +
― Չենք կարողանում իրար համոզել, ― ասացի ես։ ― Բայց դու քաջ ես։
 +
 +
― Ոչ։ Բայց հուսով եմ, որ կլինեմ։
 +
 +
― Երկուսս էլ քաջ ենք, ― ասացի ես։ ― Խմելուց հետո շատ քաջ եմ ես։
 +
 +
― Մենք հրաշալի մարդիկ ենք, ― ասաց Կետրինը։ Մոտեցավ պահարանին և հանեց կոնյակի շիշն ու բաժակը։ ― Խմիր, սիրելիս, ― ասաց նա։ ― Լավ վարքի համար։
 +
 +
― Չեմ ուզում։
 +
 +
― Խմիր, խմիր։
 +
 +
― Դե լավ, ― լցրի բաժակի երեք քառորդը և խմեցի։
 +
 +
― Ինչ մեծ բաժակ էր, ― ասաց նա։ ― Գիտեմ, որ կոնյակը հերոսների խմիչք է։ Բայց մի չափազանցրու։
 +
 +
― Որտե՞ղ  ենք ապրելու պատերազմից հետո։
 +
 +
― Երևի անկելանոցում, ― ասաց նա։ ― Երեք տարի առաջ միամտաբար կարծում էի, թե պատերազմը մինչև ծնունդ կավարտվի։ Իսկ հիմա կարծում եմ, թե պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ մեր տղան լեյտենանտ դառնա։
 +
 +
― Գուցե և գեներալ դառնա։
 +
 +
― Եթե սա Հարյուրամյա պատերազմ է, կդառնա, ինչու չէ։
 +
 +
― Չե՞ս ուզում խմել։
 +
 +
― Ոչ։ Երբ դու խմում ես, տրամադրությունդ բարձրանում է, իսկ երբ ես եմ խմում, գլուխս սկսում է պտտվել։
 +
 +
― Կոնյակ չե՞ս խմել բնավ։
 +
 +
― Ոչ, սիրելիս։ Ես շատ հնատարազ կին եմ։
 +
 +
Գետնից վերցրի շիշը և նորից լցրի բաժակս։
 +
 +
― Գնամ տեսնեմ ի՞նչ են անում հայրենակիցներդ, ― ասաց Կետրինը։ ― Գուցե թե՞րթ կարդաս մինչև վերադարձս։
 +
 +
― Պետք է անպայմա՞ն գնաս։
 +
 +
― Կամ հիմա, կամ հետո։
 +
 +
― Լավ։ Հիմա գնա։
 +
 +
― Շուտ կգամ։
 +
 +
― Իսկ ես մինչև վերջ կկարդամ թերթերը, ― ասացի ես։
 +
 +
 +
==Գլուխ 22==
 +
 +
Գիշերը ցրտեց, և հաջորդ օրն անձրև եկավ։ Երբ Ospedale Maggiore-ից տուն էի վերադառնում, ուժեղ անձրև էր գալիս, ու ես մինչև ոսկորներս թրջվեցի։ Սենյակիս պատշգամբը հեղեղվել էր, և քամին ջուրը խփում էր ապակիներին։ Փոխեցի զգեստս և կոնյակ խմեցի, բայց տհաճ էր համը։ Գիշերը վատ զգացի, և առավոտյան, նախաճաշից հետո փսխեցի։
 +
 +
― Պարզ է, ― ասաց հիվանդանոցի բժիշկը։ ― Աչքի սպիտակուցը նայեք, միսս։
 +
 +
Միսս Գեյջը նայեց։ Հայելի տվեցին, որպեսզի ես էլ նայեմ։ Աչքերիս սպիտակուցները դեղնել էին։ Եվ դա դեղնախտ էր։ Երկու շաբաթ հիվանդ պառկեցի։ Արձակուրդս ջուրն ընկավ, ու մենք չկարողացանք վերջին օրերը միասին անցկացնել։ Ուզում էինք Պալանցի գնալ, Լագո Մաջորե։ Աշնանը, երբ տերևներն սկսում են դեղնել, անչափ հաճելի է այնտեղ։ Զբոսնելու շատ տեղեր կան, և լճում կարելի է կարմրախայտ որսալ։ Պալանցան երևի ավելի լավ էր Ստրեյզայից, որովհետև քիչ մարդ էր լինում այդ կողմերում։ Միլանից շատ հարմար էր Ստրեզա գնալ, որովհետև բազմաթիվ ծանոթներ ունեինք այնտեղ։ Պալանցայի մոտ հիանալի գյուղեր կային, և նավակով կարելի էր հասնել մինչև ձկնորսների կղզիները, իսկ ամենամեծ կղզում ռեստորան կար։ Բայց մեզ ոչ մի տեղ չհաջողվեց գնալ։
 +
 +
Մի անգամ, երբ դեռ պառկած էի դեղնախտով, սենյակ մտավ միսս Վան Քամփենը, բաց արեց զգեստապահարանի դուռը և դատարկ շշեր տեսավ։ Դռնապանը հենց նոր մեծ քանակությամբ շշեր էր դուրս տարել և, ըստ երևույթին, միսս Վան Քամփենը տեսել էր այդ, ու հիմա եկել էր ստուգելու, թե էլ չկա արդյոք։ Ամենից շատ վերմուտի շշեր կային, մարսալայի շշեր, կապրիի շշեր, կյանտիի դատարկ տափաշշեր և կոնյակի մի քանի շիշ։ Դռնապանը տարել էր վերմուտի ամենամեծ շշերը և կյանտիի ծղոտապատ տափաշշերը, իսկ կոնյակի շշերը թողել էր վերջում։ Միսս Վան Քամփենը գտավ կոնյակի շշերը և կյումելի արջանման մի շիշ։ Հատկապես արջանման շիշը ջղայնացրեց միսս Վան Քամփենին։ Վերցրեց ու նայեց։ Արջը նստել էր ետին թաթերի վրա և բարձրացրել առջևի թաթերը։ Նրա ապակե գլխի մեջ խցան կար, իսկ հատակին՝ մի քանի մածուցիկ բյուրեղներ։ Ես ծիծաղեցի։
 +
 +
― Կյումել է, ― ասացի ես։ ― Լավագույն կյումելներն արջանման շշերով են վաճառում։ Ռուսաստանից են բերում։
 +
 +
― Իսկ սրանք կոնյակի շշեր են, եթե չեմ սխալվում, ― ասաց միսս Վան Քամփենը։
 +
 +
― Լավ չի երևում այստեղից, ― ասացի ես։ ― Բայց, հավանաբար, այո։
 +
 +
― Եվ որքա՞ն ժամանակ է սա շարունակվում։
 +
 +
― Գնել եմ և հետս եմ բերել, ― ասացի ես։ ― Հաճախ իտալական սպաներ են ինձ այցելում, ու ես կոնյակ եմ հյուրասիրում նրանց։
 +
 +
― Իսկ դուք չեք խմել, չէ՞, ― հարցրեց նա։
 +
 +
― Ինչու չէ, խմել եմ։
 +
 +
― Կոնյակ, ― ասաց նա։ ― Կոնյակի տասնմեկ դատարկ շիշ և արջի հեղուկ։
 +
 +
― Կյումել։
 +
 +
― Ես հիմա մեկնումեկին կուղարկեմ, որ հավաքի։ Ուրիշ դատարկ շշեր չկա՞ն։
 +
 +
― Առայժմ ոչ։
 +
 +
― Իսկ ես խղճում էի, որ դեղնախտով եք հիվանդացել։ Մինչդեռ ձեզ խղճալ՝ նշանակում է իզուր ժամանակ վատնել։
 +
 +
― Շնորհակալություն։
 +
 +
― Ես ձեզ եմ մեղադրում, որ չեք ուզում ճակատ վերադառնալ։ Բայց կարծում եմ, որ կարող էիք ավելի խելամիտ միջոց հնարել և ոչ թե ալկոհոլ խմելով դեղնախտ ընկնել։
 +
 +
― Ինչո՞վ։
 +
 +
― Ալկոհոլ խմելով։ Դուք շատ լավ լսեցիք, թե ինչ ասացի։ ― Ես լուռ էի։ ― Եթե նոր բան չհնարեք, բուժվելուց հետո, դժբախտաբար, ստիպված կլինեք ճակատ վերադառնալ։ Չեմ կարծում, որ կանխամտածված կերպով դեղնախտ ընկնողներին արձակուրդ հասնի ապաքինման համար։
 +
 +
― Չե՞ք կարծում։
 +
 +
― Ոչ, չեմ կարծում։
 +
 +
― Դեղնախտով երբևիցե հիվանդացե՞լ եք, միսս Վան Քամփեն։
 +
 +
― Ոչ, բայց շատ հիվանդների եմ տեսել։
 +
 +
― Չե՞ք նկատել, թե նրանք ինչքան հաճույք են ստացել դրանից։
 +
 +
― Երևի դեղնախտը նախընտրելի է ռազմաճակատից։
 +
 +
― Միսս Վան Քամփեն, ― ասացի ես, ― դուք երբևիցե տեսե՞լ եք մի մարդու, որը զինծառայությունից ազատվելու համար, քացով տա իր ամորձիքին։
 +
 +
Միսս Վան Քամփենը ականջի ետև գցեց հարցս։ Կամ ականջի ետև պետք է գցեր, կամ պետք է հեռանար։ Հեռանալ չէր ուզում, որովհետև վաղուց ի վեր չէր սիրում ինձ և հիմա իսկական առիթն էր հաշիվները մաքրելու։
 +
 +
― Ես շատ մարդկանց գիտեմ, որոնք կանխամտածված անդամախեղության դիմելով, ազատվել են ռազմաճակատից։
 +
 +
― Խնդիրն այդ չէ։ Ես էլ եմ տեսել կանխամտածված անդամախեղություն։ Ես ձեզ հարց տվեցի, տեսե՞լ եք որևէ մեկի, որը զինծառայությունից ազատվելու համար, քացով տա իր ամորձիքին։ Որովհետև այդ զգացողությունն ու դեղնախտը շատ նման են իրար, և չեմ կարծում, թե շատ կանայք գիտեն այդ։ Ահա թե ինչու, միսս Վան Քամփեն, ես ձեզ հարցրի, հիվանդացե՞լ եք դեղնախտով, թե ոչ որովհետև․․․
 +
 +
Միսս Վան Քամփենը դուրս եկավ սենյակից։ Քիչ անց ներս մտավ միսս Գեյջը։
 +
 +
― Այդ ի՞նչ եք ասել միսս Վան Քամփենին։ Կատաղել է։
 +
 +
― Մենք տարբեր զգացողություններ էինք համեմատում իրար հետ։ Ենթադրություն հայտնեցի, թե նա երևի չի ծննդաբերել երբեք․․․
 +
 +
― Դուք խենթ եք, ― ասաց Գեյջը։ ― Եթե ձեռքից գա, ձեր կաշին կքերթի։
 +
 +
― Արդեն քերթել է, ― ասացի ես։ ― Ձախողել է արձակուրդս, հիմա գուցե ռազմադաշտային դատարան հանձնի ինձ։ Ամեն ինչ սպասելի է նրանից։
 +
 +
― Նա միշտ էլ ձեզ չի սիրել, ― ասաց Գեյջը։ ― Իսկ ինչի՞ց սկսվեց խոսակցությունը։
 +
 +
― Ասաց՝ դիտմամբ այնքան եմ խմել, որ դեղնախտ ընկնեմ ու ճակատ չվերադառնամ։
 +
 +
― Ո՜ւֆ, ― ասաց Գեյջը։ ― Կերդվեմ, որ ոչ մի կաթիլ չեք խմել։ Բոլորն էլ կերդվեն, որ ոչ մի կաթիլ չեք խմել։
 +
 +
― Նա գտավ շշերը։
 +
 +
― Հազար անգամ ասացի՝ պետք է հավաքել շշերը։ Որտե՞ղ են հիմա։
 +
 +
― Պահարանում։
 +
 +
― Ճամպրուկ ունե՞ք։
 +
 +
― Ոչ։ Ուսապարկի մեջ դրեք։
 +
 +
― Միսս Գեյջը հավաքեց շշերը ու դրեց ուսապարկի մեջ։
 +
 +
― Դռնապանին կտամ, ― ասաց նա և ուղղվեց դեպի դուռը։
 +
 +
― Մի րոպե, ― ասաց միսս Վան Քամփենը։ ― Այս շշերը ես կվերցնեմ։ ― Նրա հետ էր նաև դռնապանը։ ― Խնդրում եմ, վերցրեք սա։ Ուզում եմ բժշկին ցույց տալ, երբ զեկուցեմ նրան։
 +
 +
Դուրս եկավ միջանցք ու հեռացավ։ Դռնապանը տարավ ուսապարկը։ Գիտեր, թե մեջն ինչ կար։
 +
 +
Ոչինչ չպատահեց, միայն արձակուրդս կորցրի։
 +
 +
 +
==Գլուխ 23==
 +
 +
Այն գիշեր, երբ պետք է ճակատ վերադառնայի, դռնապանին կայարան ուղարկեցի, որպեսզի հենց որ գնացքը Տուրինից գա, ինձ համար տեղ գրավի վագոնում։ Գնացքը մեկնում էր կեսգիշերին։ Տուրինում կազմվում էր վերջնականապես և տասն անց կեսի մոտ հասնում Միլան ու, մինչև մեկնումը, սպասում կայարանում։ Տեղ ունենալու համար հարկավոր էր կայարան գալ մինչև գնացքի ժամանումը։ Դռնապանը գնաց արձակուրդի մեջ գտնվող մի գնդացրորդի հետ, որն աշխատում էր կարի արհեստանոցում։ Նա վստահ էր, որ երկուսով անպայման կկարողանան ինձ համար տեղ գրավել։ Կառամատույցի տոմսի փող տվեցի նրանց և խնդրեցի, որ իրերս էլ տանեն։ Մի մեծ ուսապարկ էր ու երկու ուղեպարկ։
 +
 +
Մոտ ժամը հինգին մնաս բարով ասացի և դուրս եկա հիվանդանոցից։ Դռնապանն իրերս արդեն իր սենյակն էր տարել, ու ես նրան ասացի, որ կայարան կգամ կեսգիշերից առաջ։ Նրա կինն ինձ «Signorino» կոչեց ու լաց եղավ։ Հետո աչքերը սրբեց, սեղմեց ձեռքերս ու նորից լաց եղավ։ Թփթփացրի ուսին, և նա կրկին լաց եղավ։ Կարճահասակ, գիրուկ, սպիտակահեր, բարեդեմ մի կին էր։ Միշտ գուլպաներս էր կարկատում։ Արտասվելու ժամանակ դեմքը կարծես մասերի էր բաժանվում։ Գնացի անկյունի բարը և, պատուհանին նայելով, սկսեցի սպասել։ Փողոցում մութ էր, և ցուրտ, և մշուշ։ Վճարեցի սուրճի և գրապպայի փողը ու սկսեցի դիտել, թե ինչպես էին մարդիկ անցնում պատուհանից ընկնող լուսաշերտի միջով։ Տեսա Կետրինին և խփեցի ապակուն։ Նայեց, տեսավ ինձ, ժպտաց, ու ես դուրս եկա նրան դիմավորելու։ Մուգ կապույտ անձրևաթիկնոց էր հագել և փափուկ ֆետրե գլխարկ։ Քայլեցինք մայթի վրա շարված գինետների կողքով, կտրեցինք շուկայի հրապարակը։ Հրապարակը հատվում էր տրամվայի գծերով, որոնց ետևում բարձրանում էր տաճարը։ Մշուշի մեջ՝ ճերմակ ու թաց։ Մենք անցանք տրամվայի գծերը։ Ձախ կողմում երևում էին լուսավոր ցուցափեղկերով խանութներ և galleria֊յի մուտքը։ Մշուշը խտանում էր հրապարակի վրա, և մոտ հեռավորությունից տաճարը շատ մեծ էր, իսկ պատերը թաց էին։
 +
 +
― Ուզո՞ւմ ես մտնենք։
 +
 +
― Ոչ, ― ասաց Կետրինը։
 +
 +
Շարունակեցինք մեր ճանապարհը։ Քարե որմնահեցերից մեկի ստվերում կանգնել էին մի զինվոր և մի աղջիկ, և մենք նրանց կողքով անցանք։ Կիպ կպել էին պատին, և զինվորն իր թիկնոցով ծածկել էր աղջկան։
 +
 +
― Մեզ նման են, ― ասացի ես։
 +
 +
― Ոչ ոք մեզ նման չէ, ― ասաց Կետրինը։
 +
 +
Հիմա ոչ մի ուրախ բան չկար նրա մտքում։
 +
 +
― Գնալու տեղ էլ չունեն։
 +
 +
― Գուցե դա ավելի լավ է նրանց համար։
 +
 +
― Չգիտեմ։ Համենայն դեպս, ամեն մարդ պետք է գնալու տեղ ունենա։
 +
 +
― Կարող են տաճար գնալ, ― ասաց Կետրինը։
 +
 +
Մենք արդեն անցել էինք տաճարը։ Հասանք հրապարակի ծայրին և շրջվեցինք։ Գեղեցիկ էր տաճարը մշուշի մեջ։ Կանգնել էինք կաշվե ապրանքների խանութի առջև։ Ցուցափեղկում կային ձիավարության երկարաճիտք կոշիկներ, ուսապարկեր ու դահուկավազքի ոտնամաններ։ Ամեն ինչ առանձին էր դրված, ուսապարկը՝ մեջտեղում, երկարաճիտք կոշիկները՝ մի կողմում, դահուկավազքի ոտնամանները՝ մյուս։ Մուգ գույնի կաշի էր, հարթ և մաշված թամբի նման պլպլան։ Էլեկտրական լույսը ցոլք էր գցել կաշու աղոտ փայլի վրա։
 +
 +
― Մի օր մենք էլ դահուկ կքշենք։
 +
 +
― Երկու ամսից Մյուրենում բացվում է դահուկի սեզոնը, ― ասաց Կետրինը։
 +
 +
― Չգնա՞նք Մյուրեն։
 +
 +
― Գնանք, ― ասաց նա։
 +
 +
Անցանք ուրիշ ցուցափեղկերի կողքով ու թեքվեցինք դեպի նրբանցքը։
 +
 +
― Առաջին անգամ եմ այս փողոցներով անցնում։
 +
 +
― Իսկ ես միշտ այս փողոցներով եմ Ospidale Maggiore գնացել, ― ասացի ես։
 +
 +
Նրբանցքը նեղ էր, ու մենք քայլում էինք աջ կողմից։ Խիտ մշուշի մեջ շատ անցորդներ կային։ Բոլոր կրպակների լույսերը վառվում էին։ Կանգնեցինք ցուցափեղկերից մեկի առջև ու դիտեցինք իրար վրա շարված պանիրները։ Զինավաճառի կրպակի առջև ես կանգ առա։
 +
 +
― Մի րոպե մտնենք։ Զենք եմ ուզում գնել։
 +
 +
― Ի՞նչ զենք։
 +
 +
― Ատրճանակ։
 +
 +
Ներս մտանք։ Քանդեցի գոտիս, որից կախվել էր դատարկ պատյանը, ու դրեցի վաճառասեղանին։ Խանութում երկու կին էին աշխատում։ Նրանք ինձ մի քանի ատրճանակ ցույց տվին։
 +
 +
― Ուզում եմ, որ նույն չափսի լինի, ― ասացի ես ու բաց արի պատյանը։ Պատյանը մոխրագույն էր և կաշվեպատ։ Գնել էի քաղաքի համար։
 +
 +
― Իսկ սրանք լա՞վ ատրճանակներ են, ― հարցրեց Կետրինը։
 +
 +
― Գրեթե բոլորն էլ միատեսակ են։ Կարելի՞ է սա փորձել, ― հարցրի կանանցից մեկին։
 +
 +
― Կրակելու տեղ չունենք, ― ասաց նա։ ― Բայց լավ ատրճանակ է։ Չեք զղջա։
 +
 +
Իջեցրի հրահանը ու քաշեցի փակաղակը։ Զսպանակը բավական ձիգ էր, բայց լավ էր գործում։ Նշան առա ու նորից իջեցրի հրահանը։
 +
 +
― Նոր չէ, ― ասաց կինը։ ― Այս հրացանը պատկանում էր մի սպայի, որ առաջնակարգ հրաձիգ էր։
 +
 +
― Ձեր խանութի՞ց էր գնել։
 +
 +
― Այո։
 +
 +
― Իսկ ինչպե՞ս է նորից ձեզ մոտ ընկել։
 +
 +
― Համհարզը բերեց։
 +
 +
― Գուցե իմն էլ է ձեզ մոտ, ― ասացի ես։ ― Ի՞նչ արժե։
 +
 +
― Հիսուն լիրա։ Շատ էժան է։
 +
 +
― Լավ։ Երկու հատ պահունակ տվեք, մի տուփ էլ փամփուշտ։
 +
 +
Վաչառասեղանի տակից հանեց պահունակներն ու փամփուշտի տուփը։
 +
 +
― Իսկ թուր չե՞ք ուզում, ― հարցրեց կինը։ ― Գործածված մի թուր ունեմ, շատ էժան։
 +
 +
― Ես ճակատ եմ գնում։
 +
 +
― Հա՜։ Ուրեմն թրի կարիք չունեք, ― ասաց նա։
 +
 +
Վճարեցի փամփուշտի և ատրճանակի գինը, լցրի պահունակները, դրեցի տեղը, ատրճանակը մտցրի դատարկ պատյանի մեջ, մյուս երկու պահունակների մեջ ևս փամփուշտ լցրի, պահեցի պատյանի կաշվե գրպաններում և կապեցի գոտիս։ Ատրճանակի ծանրությունը ձգում էր գոտին։ Մտածեցի, որ բոլոր դեպքերում ստանդարտ ատրճանակներն ավելի լավ են։ Փամփուշտները հեշտ են ճարվում։
 +
 +
― Հիմա մենք լրիվ զինված ենք, ― ասացի ես։ ― Ուրիշ բան չունեմ գնելու, միայն սա էր։ Հիվանդանոց գալուց առաջ ինչ֊որ մեկը երևի վերցրել է ատրճանակս։
 +
 +
― Գոնե սա լավ լիներ, ― ասաց Կետրինը։
 +
 +
― Ուրիշ ոչինչ չե՞ք ուզում, ― հարցրեց կինը։
 +
 +
― Ոնց որ թե չէ։
 +
 +
― Լարով ատրճանակ, ― ասաց նա։
 +
 +
― Այո, տեսա։
 +
 +
Կինն ուզում էր էլի ինչ֊որ բան վաճառել։
 +
 +
― Սուլիչ չե՞ք ուզում։
 +
 +
― Չէ ոնց որ։
 +
 +
Կինն ասաց «ցտեսություն», ու մենք դուրս եկանք փողոց։ Կետրինը նայեց պատուհանին։ Կինը նկատեց մեզ ու գլխով արեց։
 +
 +
― Սա ի՞նչ հայելի է փայտե շրջանակի մեջ։
 +
 +
― Սրանով թռչուններին են հրապուրում։ Հետո դաշտ են գցում։ Արտույտները տեսնում են նրանց ու թռչում, իսկ իտալացիները կրակում են։
 +
 +
― Հնարագետ ժողովուրդ են, ― ասաց Կետրինը։ ― Ձեզ մոտ, Ամերիկայում, արտույտների վրա չեն կրակում, այնպես չէ՞, սիրելիս։
 +
 +
― Միայն պատահաբար։
 +
 +
Մենք անցանք փողոցը ու քայլեցինք մյուս մայթով։
 +
 +
― Հիմա ավելի լավ եմ զգում, ― ասաց Կետրինը։ ― Երբ դուրս եկանք, շատ վատ էի։
 +
 +
― Մենք միշտ էլ լավ ենք զգում, երբ միասին ենք։
 +
 +
― Մենք միշտ միասին ենք լինելու։
 +
 +
― Այո, եթե հաշվի չառնենք, որ կեսգիշերին մեկնում եմ։
 +
 +
― Սիրելիս, մի մտածիր այդ մասին։
 +
 +
Քայլում էինք փողոցով։ Մշուշի մեջ դեղնավուն էին լույսերը։
 +
 +
― Չհոգնեցի՞ր, ― հարցրեց Կետրինը։
 +
 +
― Իսկ դո՞ւ։
 +
 +
― Ոչ։ Հաճելի է քայլելը։
 +
 +
― Բայց պետք չէ երկար քայլել։
 +
 +
― Լավ։
 +
 +
Մենք թեքվեցինք դեպի նրբանցքը, որտեղ ոչ մի լույս չկար։ Կանգ առա ու համբուրեցի Կետրինին։ Համբուրելիս զգացի, որ ձեռքը ուսիս դրեց։ Նա այնպես քաշեց թիկնոցս, որ երկուսս էլ ծածկվեցինք։ Կանգնել էինք մայթին, բարձր պատի տակ։
 +
 +
― Մի տեղ գնան, ― ասացի ես։
 +
 +
― Գնանք, ― ասաց Կետրինը։
 +
 +
Շարունակեցինք քայլել նրբանցքով, մինչև որ հասանք մի մեծ փողոց, որի մի կողմում ջրանցք կար, իսկ մյուս կողմում՝ աղյուսե տներ։ Փողոցի ծայրին տեսա կամրջով անցնող մի տրամվայ։
 +
 +
― Կամրջի վրա կարող ենք կառք գտնել, ― ասացի ես։
 +
 +
Կամրջի վրա, մշուշի մեջ կանգնած, կառքի էինք սպասում։ Կողքից տրամվայներ էին անցնում, որոնք լցված էին տուն շտապող մարդկանցով։ Հետո մի կառք երևաց, բայց զբաղված էր։ Սկսեց անձրև կաթկթել։
 +
 +
― Ոտքով գնանք կամ տրամվայ նստենք, ― ասաց Կետրինը։
 +
 +
― Հիմա կառք կգտնենք, ― ասացի ես։ ― Այստեղ շատ կառքեր են լինում։
 +
 +
― Ահա, գալիս է, ― ասաց Կետրինը։
 +
 +
Կառապանը կանգնեցրեց ձիերին և իջեցրեց հաշվիչի մետաղե ցուցասլաքը։ Կառքի ծածկոցը փակ էր, և կառապանի թիկնոցը թրջվել էր անձրևից։ Նրա լաքե ցիլինդրը պլպլում էր ջրից։ Մենք նստեցինք ետևում։ Մութ էր փակ ծածկոցի տակ։
 +
 +
― Ասացի՞ր ուր գնա։
 +
 +
― Կայարան։ Կայարանի դիմաց հյուրանոց կա, հենց այնտեղ էլ կգնանք։
 +
 +
― Իսկ կարո՞ղ ենք այսպես հյուրանոց գնալ։ Առանց ճամպրուկի։
 +
 +
― Կարող ենք, ― ասացի ես։
 +
 +
Երկար գնացինք անձրևի տակ, բազմաթիվ նրբանցքներով անցանք, մինչև որ հասանք կայարան։
 +
 +
― Չե՞նք ճաշելու, ― հարցրեց Կետրինը։ ― Կարծես քաղցած եմ։
 +
 +
― Համարում կճաշենք։
 +
 +
― Հագնելու ոչինչ չունեմ։ Նույնիսկ գիշերանոց չունեմ։
 +
 +
― Կբերենք, ― ասացի ես և ձայն տվի կառապանին։ ― Վիա մանցոնի քշեք։
 +
 +
Նա գլխով արեց և հաջորդ անկյունում աջ թեքվեց։ Մեծ փողոցում Կետրինը խանութ էր փնտրում։
 +
 +
― Այստեղ կա, ― ասաց նա։
 +
 +
Կառապանին ասացի, որ կանգնեցնի ձիերին։ Կետրինն իջավ կառքից, անցավ մայթն ու մտավ խանութ։ Նստատեղին հենված, սպասում էի նրան։ Անձրև էր գալիս, ու ես զգում էի թաց փողոցի և ձիերի կողերից բարձրացող գոլորշու հոտերը։ Կապոցը ձեռքին, Կետրինը դուրս եկավ խանութից, կառք նստեց, ու մենք շարունակեցինք մեր ճանապարհը։
 +
 +
― Շատ ծախսեցի, սիրելիս, ― ասաց նա, ― բայց գիտես ինչ լավ գիշերանոց է։
 +
 +
Հյուրանոցի մոտ Կետրինին խնդրեցի սպասել կառքում, իսկ ես ներս մտա ու խոսեցի վարիչի հետ։ Մեծ թվով ազատ համարներ կային։ Վերադարձա, վճարեցի կառապանին, և Կետրինի հետ հյուրանոց մտա։ Փայլուն կոճակներով մի փոքրիկ տղա վերցրեց կապոցը։ Վարիչը, գլուխը խոնարհելով, հրավիրեց վերելակ մտնել։ Վերելակում աչք էին ծակում կարմիր թավիշն ու բրոնզը։ Վարիչը մեզ հետ բարձրացավ։
 +
 +
― Monsieur madame-ը համարո՞ւմ կուզենար ճաշել։
 +
 +
― Այո։ Խնդրում եմ ճաշացուցակ ուղարկել։
 +
 +
― Իսկ չե՞ք ուզում ոչինչ հատուկ պատվիրել։ Թռչուն կամ սուֆլե։
 +
 +
Վերելակը զնգզնգալով երեք հարկ բարձրացավ, հետո մի անգամ էլ զնգաց ու կանգ առավ։
 +
 +
― Իսկ ի՞նչ թռչուն ունեք։
 +
 +
― Փասիան և կտցար։
 +
 +
― Կտցար, ― ասացի ես։
 +
 +
Քայլեցինք միջանցքով։ Գորգը մաշված էր։ Բազմաթիվ դռներ կային երկու կողմերում։ Վարիչը կանգ առավ և բանալիով բացեց դռներից մեկը։
 +
 +
― Խնդրեմ։ Հիանալի սենյակ է։
 +
 +
Փայլուն կոճակներով փոքրիկ տղան կապոցը դրեց սեղանի վրա։ Վարիչը բաց արեց պատուհանի վարագույրները։
 +
 +
― Մշուշ է այսօր, ― ասաց նա։
 +
 +
Սենյակը կահավորված էր թավշապատ կահույքով։ Շատ հայելիներ կային, երկու բազկաթոռ և ատլասե վերմակով ծածկված մի լայն մահճակալ։ Եվ լոգարան տանող մի դուռ։
 +
 +
― Հիմա կուղարկեմ ճաշացուցակը, ― ասաց վարիչը։
 +
 +
Գլուխ տվեց ու դուրս եկավ։
 +
 +
Մոտեցա պատուհանին և փողոց նայեցի, հետո ձգեցի թելը ու փակեցի թավշե հաստ վարագույրները։ Կետրինը, մահճակալին նստած, նայում էր բյուրեղապակե մոմակալին։ Հանել էր գլխարկը, և մազերը փայլում էին լույսի տակ։ Հայելիներից մեկում տեսավ իրեն ու ձեռքը տարավ մազերին։ Իսկ ես նրան տեսնում էի երեք տարբեր հայելիների մեջ։ Տխուր էր երևում։ Թիկնոցը գցեց մահճակալին։
 +
 +
― Ի՞նչ է պատահել, սիրելիս։
 +
 +
― Առաջ ինձ երբեք չի թվացել, թե անառակ կին եմ, ― ասաց նա։
 +
 +
Մոտեցա պատուհանին, բացեցի վարագույրները և նայեցի փողոց։ Չէի կարծում, որ այսպես կստացվեր։
 +
 +
― Դու անառակ չես։
 +
 +
― Գիտեմ, սիրելիս։ Բայց տհաճ է, երբ այդպես է թվում։
 +
 +
Ձայնը չոր էր ու վհատ։
 +
 +
― Սա լավագույն հյուրանոցն էր, որ կարելի էր գնալ, ― ասացի ես։
 +
 +
Դուրս նայեցի պատուհանից։ Հրապարակի մյուս կողմում վառվում էին կայարանի լույսերը։ Կառքեր էին անցնում մոտիկից, ու ես տեսնում էի զբոսայգու ծառերը։ Հյուրանոցի լույսերն արտացոլվում էին թաց մայթի վրա։ «Գրողը տանի, ― մտածում էի ես, ― ինչ վիճելու ժամանակ է»։
 +
 +
― Ինձ մոտ արի, ― ասաց Կետրինը։ Ձայնի մեջ չորություն չկար։ ― Արի։ Ես հիմա նորից կարգին աղջիկ եմ։
 +
 +
Շրջվեցի ու նայեցի մահճակալին։ Նա ժպտում էր։
 +
 +
Մոտեցա, նստեցի մահճակալին ու համբուրեցի նրան։
 +
 +
― Դու իմ լավ աղջիկն ես։
 +
 +
― Իհարկե քոնն եմ։
 +
 +
Ճաշից հետո մենք ավելի թեթև զգացինք, հետո՝ էլ ավելի լավ, շուտով թվաց, թե մեր տունն է սա։ Առաջ հիվանդանոցի սենյակն էր մեր տունը, իսկ հիմա, ճիշտ նույն ձևով, հյուրանոցի այս համարը։
 +
 +
Կետրինը ճաշելիս բաճկոնն էր ուսերին գցել։ Շատ էինք քաղցած, իսկ ճաշը համեղ էր, և մենք մի շիշ կապրի խմեցինք և մի շիշ սենթ֊էսթեֆ։ Մեծ մասը ես խմեցի, բայց Կետրինն էլ պակաս չխմեց, և տրամադրությունը միանգամից բարձրացավ։ Մատուցողը բերել էր կարտոֆիլով կտցար, սուֆլե, շագանակի պյուրե, սալաթ, իսկ հետո՝ սաբայոն։
 +
 +
Ափսոս, պետք էր առաջ գլխի ընկնեինք և այստեղ ապրեինք միշտ։
 +
 +
― Ծիծաղելի սենյակ է։ Բայց լավն է։
 +
 +
― Ինչ լավ բան է անառակությունը, ― ասաց Կետրինը։ ― Երևի անառակությամբ զբաղվող մարդիկ, համը լավ գիտեն։ Այս կարմիր թավիշը պարզապես աննման է՝ իսկականն է։ Հայելիներն էլ սքանչելի են։
 +
 +
― Իմ լավ աղջիկ։
 +
 +
― Միայն չգիտեմ, առավոտյան զարթնելիս որքանո՞վ լավ կթվա այս սենյակը։ Բայց և այնպես, հրաշալի սենյակ է։
 +
 +
Մի բաժակ էլ սենթ֊էսթեն լցրի։
 +
 +
― Կուզենայի իսկապես մեղք գործել, ― ասաց Կետրինը։ ― Մեր արածն այնքան անմեղ  ու պարզ է թվում։ Չեմ հավատում, որ վատ բան ենք անում։
 +
 +
― Հրաշալի ես դու։
 +
 +
― Միայն թե քաղցած եմ։ Ահավոր քաղցած եմ։
 +
 +
― Դու պարզ և հիանալի աղջիկս ես։
 +
 +
― Այո, պարզ եմ։ Բայց քեզնից բացի ոչ ոք այդ չի հասկացել։
 +
 +
― Մի անգամ, երբ դեռ նոր էինք ծանոթացել, ես մի ամբողջ օր մտածում էի, թե ինչպես ենք միասին «քավուր» հյուրանոց գնալու և ինչ է լինելու հետո։
 +
 +
― Ինչ անպատկառ ես եղել։ Բայց սա «քավուրը» չի, չէ՞։
 +
 +
― Ոչ։ Այնտեղ մեզ չէին թողնի։
 +
 +
― Մի օր կթողնեն։ Տեսնում ես, սիրելիս, թե որն է մեր տարբերությունը։ Ես ոչինչ չեմ մտածել։
 +
 +
― Բնա՞վ, երբե՞ք։
 +
 +
― Մի քիչ, ― ասաց նա։
 +
 +
― Դու իմ լավ աղջիկ։
 +
 +
Մի բաժակ էլ գինի լցրի։
 +
 +
― Ես շատ պարզ եմ, ― ասաց Կետրինը։
 +
 +
― Առաջ այդպես չէի կարծում։ Ինձ թվում էր, թե խենթ ես։
 +
 +
― Այո, մի քիչ խենթ էի ես։ Բայց ոչ բարդ, ոչ հատուկ տեսակի։ Չե՞մ շփոթեցրել քեզ, սիրելիս։
 +
 +
― Ինչ լավ բան է գինին, ― ասացի ես։ ― Ամեն վատ բան մոռանում ես։
 +
 +
― Հիանալի բան է, ― ասաց Կետրինը։ ― Բայց հայրս շատ խմելուց սաստիկ հոդատապ ստացավ։
 +
 +
― Ո՞ղջ է հայրդ։
 +
 +
― Այո, ― ասաց Կետրինը։ ― Հոդատապ ունի։ Բայց կարիք չկա, որ հանդիպես նրան։ Իսկ քո հայրը ո՞ղջ չէ՞։
 +
 +
― Ոչ, ― ասացի ես։ ― Խորթ հայրս է ողջ։
 +
 +
― Ես կհավանե՞մ նրան։
 +
 +
― Հարկ չի լինի, որ հանդիպեք։
 +
 +
― Ինչ լավ է երկուսով, ― ասաց Կետրինը։ ― Ինձ ուրիշ ոչինչ չի հետաքրքրում։ Ես երջանիկ կին եմ։
 +
 +
Եկավ մատուցողը և հավաքեց սեղանը։ Քիչ անց մենք լռեցինք ու ականջ դրինք անձրևի ձայնին։ Փողոցում մի ավտոմեքենա դռդռաց։
 +
 +
― Միշտ լսում եմ ժամանակի նժույգների սլացքն արագ․․․ ― ասացի ես։
 +
 +
― Գիտեմ այդ բանաստեղծությունը, ― ասաց Կետրինը։ ― Մարվելինն է։ Միայն թե դա մի աղջկա մասին է, որը չի ուզում մի մարդու հետ ապրել։
 +
 +
Թարմ ու պայծառ էր գլուխս, ու ես չէի ուզում կենցաղային բաների մասին խոսել։
 +
 +
― Որտե՞ղ ես ծննդաբերելու։
 +
 +
― Չգիտեմ։ Ամենալավ տեղում։
 +
 +
― Ինչպե՞ս ես կարգավորելու։
 +
 +
― Ամենահարմար ձևով։ Մի անհանգստանա, սիրելիս։ Մինչև պատերազմի վերջը դեռ շատ երեխաներ կարող ենք ունենալ։
 +
 +
― Ժամանակն է շուտով։
 +
 +
― Գիտեմ։ Եթե ուզում ես, համարիր, որ արդեն ժամանակն է։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Այդ դեպքում, մի նեղվիր, սիրելիս։ Մինչև հիմա կարծես լավ էիր, բայց արդեն սկսում ես նեղվել։
 +
 +
― Էլ չեմ անի։ Հաճա՞խ ես ինձ գրելու։
 +
 +
― Ամեն օր։ Ձեր նամակներն ստուգո՞ւմ են։
 +
 +
― Անգլերեն չգիտեն, այնպես որ դա նշանակություն չունի։
 +
 +
― Ես անհասկանալի կգրեմ։
 +
 +
― Բայց ոչ շատ անհասկանալի։
 +
 +
― Չէ, մի քիչ, մի քիչ անհասկանալի։
 +
 +
― Գնանք, ժամանակն է։
 +
 +
― Չեմ ուզում մեր այս լավ տնից հեռանալ։
 +
 +
― Ես էլ չեմ ուզում։
 +
 +
― Բայց պետք է գնալ։
 +
 +
― Լավ։ Բայց մենք երբեք երկար չենք ապրել մեր տանը։
 +
 +
― Կապրենք դեռ։
 +
 +
― Մինչև գալս ես մի գեղեցիկ տուն կսարքեմ քեզ համար։
 +
 +
― Գուցե շուտ վերադառնամ։
 +
 +
― Գուցե ոտքդ թեթև վիրավորվի։
 +
 +
― Կամ ականջիս բլթակը։
 +
 +
― Ոչ ուզում եմ, որ ականջերդ նույնը մնան։
 +
 +
― Իսկ ոտքերս ո՞չ։
 +
 +
― Ոտքերդ առանց այն էլ վիրավոր են։
 +
 +
― Պետք է գնալ, սիրելիս։ Պետք է։
 +
 +
― Լավ։ Առաջինը դու գնա։
 +
 +
 +
==Գլուխ 24==
 +
 +
Մենք չսպասեցինք վերելակի և ոտքով իջանք։ Աստիճանների վրա փռված գորգը մաշված էր։ Երբ մատուցողը ճաշը բերեց, ես իսկույն վճարեցի։ Այդ նույն մատուցողը հիմա նստած էր մուտքի մոտ։ Նա թռավ տեղից, գլուխ տվեց, ու ես գրասենյակ գնացի նրա հետ, վճարեցի համարի վարձը։ Վարիչն ինձ ընդունել էր որպես բարեկամի և հրաժարվել փողը նախօրոք վերցնելու, բայց հետո մատուցողին նստեցրել է դռան մոտ, որպեսզի հանկարծ չփախչեմ։ Ըստ երևույթին, այդպիսի դեպքեր եղել էին, նույնիսկ բարեկամներն էին փախել։ Ինչքան շատ են բարեկամները պատերազմի ժամանակ։
 +
 +
Մատուցողին խնդրեցի կառք գտնել, և նա իմ ձեռքից վերցրեց Կետրինի կապոցը ու, հովանոցը բացելով, դուրս եկավ հյուրանոցից։ Պատուհանից տեսանք, թե ինչպես անձրևի տակ նա անցավ փողոցը։ Մենք կանգնել էինք գրասենյակում և նայում էինք պատուհանից։
 +
 +
― Ինչպե՞ս ես, Կետ։
 +
 +
― Քունս է տանում։
 +
 +
― Իսկ ես լրիվ դատարկ եմ ու քաղցած։
 +
 +
― Ուտելու բան վերցրե՞լ ես։
 +
 +
― Այո, ուսապարկի մեջ է։
 +
 +
Տեսա, որ մի կառք էր գալիս դեպի հյուրանոց։ Կանգ առավ, ձին անձրևի տակ կախեց գլուխը, մատուցողը բաց արեց հովանոցը, իջավ կառքից ու մտավ հյուրանոց։ Դռան մոտ հանդիպեցինք նրան, և, հովանոցը բռնած, քայլեցինք թաց մայթով ու մոտեցանք կառքին։ Մայթի ծայրին անձրևաջուր էր հոսում։
 +
 +
― Կապոցը նստարանի վրա է, ― ասաց մատուցողը։
 +
 +
Հովանոցը ձեռքին, կանգնած սպասում էր, մինչև որ մենք կառք նստեինք, իսկ հետո ես մի քանի մանր դրամ տվեցի նրան։
 +
 +
― Շնորհակալություն։ Բարի ճանապարհ, ― ասաց նա։
 +
 +
Կառապանը բարձրացրեց սանձերը, ու ձին շարժվեց։
 +
 +
Մատուցողը, հովանոցը բռնած, շուռ եկավ ու մտավ հյուրանոց։ Մենք գնում էինք մայթի կողքով, հետո ձախ շրջվեցինք և աջ կողմից մոտեցանք կայարանին։ Երկու կարաբինավոր կանգնել էին փողոցի լապտերի տակ ու պաշտպանվել անձրևից։ Նրանց գլխարկները փայլում էին լապտերի լույսից։ Կայարանի լույսերի մեջ անձրևը մաքուր էր ու թափանցիկ։ Ծածկի տակից հայտնվեց մի բեռնակիր, կուչ եկավ մի փոքր և բարձրացրեց օձիքը։
 +
 +
― Պետք չէ, ― ասացի ես, ― շնորհակալություն։
 +
 +
Նա նորից մտավ ծածկի տակ։ Դարձա ու նայեցի Կետրինին։ Դեմքն ստվերի մեջ էր։
 +
 +
― Ցտեսությո՞ւն ասենք։
 +
 +
― Գնամ․․․
 +
 +
― Մի գնա։
 +
 +
― Ցտեսություն, Կետ։
 +
 +
― Ասա նրան հիվանդանոցի հասցեն։
 +
 +
― Լավ։
 +
 +
Ասացի հասցեն։ Կառապանը գլխով արեց։
 +
 +
― Ցտեսություն, ― ասացի ես։ ― Լավ նայիր քեզ ու փոքրիկ Կետրինին։
 +
 +
― Ցտեսություն, սիրելիս։
 +
 +
― Ցտեսություն, ― ասացի ես։
 +
 +
Դուրս եկա անձրևի տակ, և կառքը շարժվեց։ Կետրինը գլուխը հանեց կառքից, ու լապտերի լույսի տակ ես տեսա նրա դեմքը։ Ժպտում էր և ձեռքով անում։ Կառքը գնում էր փողոցով։ Կետրինը մատով ցույց էր տալիս ծածկի կողմը։ Շուռ եկա և նայեցի։ Այնտեղ միայն ծածկ կար։ Ծածկի տակ երկու կարաբինավոր։ Հասկացա․ ուզում էր, որ պատսպարվեմ անձրևից։ Կանգնեցի ծածկի տակ ու նայեցի, թե ինչպես փողոցի անկյունում կառքը թեքվեց ու հեռացավ։ Հետո անցա կայարանի շենքի միջով ու դուրս եկա կառամատույց։
 +
 +
Դռնապանն սպասում էր ինձ։ Վագոն մտա նրա հետ, անցա միջանցքում խռնված բազմության միջով և, դուռը բացելով, մի կերպ խցկվեցի լեփ֊լեցուն կուպեն, որի անկյունում նստած էր գնդացրորդը։ Իմ ուսապարկն ու պայուսակները նրա գլխավերևում էին, բեռնացանցի վրա։ Միջանցքում մեծ բազմություն էր հավաքվել, ու երբ մենք ներս մտանք, կուպեում նստածները նայեցին մեզ։ Գնացքում տեղ չկար և բոլորն էլ թշնամաբար էին տրամադրված։ Գնդացրորդը վեր կացավ և տեղը տվեց ինձ։ Ինչ֊որ մեկը թփթփացրեց ուսիս։ Ետ նայեցի։ Շատ բարձրահասակ, նիհար մի կապիտան էր, այտին՝ կարմիր սպի։ Ապակեպատ դռնից տեսել էր ամեն ինչ ու ներս մտել։
 +
 +
― Ի՞նչ եք ուզում, ― հարցրի ես։
 +
 +
Շուռ եկա ու նայեցի դեմքին։ Ինձնից բարձրահասակ էր, և գլխարկի հովհարի ստվերում դեմքը շատ նիհար էր երևում, իսկ սպին թարմ էր ու ողորկ։ Բոլորն էլ ինձ էին նայում։
 +
 +
― Այդպիսի բան չեն անում, ― ասաց նա։ ― Չի կարելի զինվորի ուղարկել և նախօրոք տեղ գրավել։
 +
 +
― Իսկ ես այդպես ուզեցի անել։
 +
 +
Նա խոր շունչ առավ, ու ես տեսա, թե ինչպես էր ադամախնձորը բարձրանում և իջնում։ Գնդացրորդը կանգնել էր դատարկ տեղի մոտ։ Միջանցքի մարդիկ ևս նայում էին ապակեպատ միջնորմից։ Բոլորն էլ լուռ էին։
 +
 +
― Դուք իրավունք չունեք։ Ես ձեզնից երկու ժամ առաջ եմ եկել։
 +
 +
― Ի՞նչ եք ուզում։
 +
 +
― Նստել։
 +
 +
― Ես էլ եմ ուզում։
 +
 +
Նայեցի նրա դեմքին ու զգացի, որ բոլորն էլ դեմ են։ Չէի մեղադրում նրանց։ Նա իրավացի էր։ Բայց ես նստել էի ուզում։ Առաջվա պես լռություն էր շուրջը։ «Գրողը տանի», մտածեցի ես։
 +
 +
― Նստեք, singor capitano, ― ասացի ես։
 +
 +
Գնդացրորդը մի կողմ քաշվեց, և բարձրահասակ կապիտանը նստեց։ Հետո նայեց ինձ։ Հայացքում անհանգստություն կար։ Բայց նա ստացել էր ուզածը։
 +
 +
― Վերցրեք իրերս, ― ասացի գնդացրորդին։
 +
 +
Դուրս եկանք միջանցք։ Գնացքը լեփ֊լեցուն էր, ու ես գիտեի, որ նստելու հույս չկար։ Դռնապանին ու գնդացրորդին տասական լիրա տվեցի, նրանք իջան վագոնից, անցան կառամատույցի ամբողջ երկայնքով և մեկ առ մեկ նայեցին վագոնների պատուհաններից, բայց տեղ չկար։
 +
 +
― Գուցե մեկն ու մեկը իջնի Բրեշիայում, ― ասաց դռնապանը։
 +
 +
― Բրեշիայում էլի կնստեն, ― ասաց գնդացրորդը։
 +
 +
Մենք հրաժեշտ տվինք իրար, նրանք սեղմեցին ձեռքս ու գնացին։ Երկուսի տրամադրությունն էլ ընկել էր։ Երբ գնացքը շարժվեց, բոլոր տեղ չունեցողներս կանգնած էինք միջանցքում։ Ճանապարհին, պատուհանից նայում էի ուղեփոխ սլաքներին ու լապտերին։ Անձրև էր գալիս դեռ, և շուտով պատուհանները թրջվեցին ու այլևս ոչինչ հնարավոր չէր տեսնել։ Ավելի ուշ պառկեցի միջանցքի հատակին, բայց նախ հանեցի դրամապանակս,  որի մեջ նաև փաստաթղթեր կային, և խոթեցի շապիկիս ու տաբատիս տակ, այսինքն, ազդրիս ու շալվարիս միջև։ Ամբողջ գիշերը քնեցի, արթնացա միայն Բրեշիայի և Վերոնայի կանգառներում, որտեղ նորանոր ուղևորներ էին գնացք նստում, բայց անմիջապես նորից քնեցի։ Ուսապարկիս մեկը դրել էի գլխիս տակ, մյուսը ձեռքերով գրկել ու, եթե չուզենային կոխրտել, կարող էին հեշտությամբ անցնել իմ վրայից։ Միջանցքի ամբողջ հատակին մարդիկ էին պառկած։ Ոմանք՝ ձեռքերը պատուհանների բռնակներին դրած, կանգնել էին կամ հենվել դռներին։ Այս գնացքը միշտ էլ լեփ֊լեցուն էր գնում։
 +
 +
 +
=Գիրք երրորդ=
 +
 +
==Գլուխ 25==
 +
 +
Աշուն էր արդեն, բոլոր ծառերը մերկացել էին, և ճանապարհները ցեխով էին ծածկվել։ Ուդինից բեռնատար ավտոմեքենայով Գորիցա գնացի։ Անցնում էինք ուրիշ բեռնատարների կողքով, ու ես դիտում էի շուրջս։ Թթենիները մերկացել էին, դաշտերը՝ մգացել։ Թաց և մեռած տերևները թափվել էին մերկ ծառերի տակ, և բանվորները ճամփեզրին դիզված կույտերից խճաքար էին վերցնում ու լցնում փոսերը։ Երևացին քաղաքը, ու քաղաքի վրա նստած մշուշը, որը թույլ չէր տալիս լեռները տեսնել։ Անցանք գետը, և ես նկատեցի, որ ջուրը կարգին բարձրացել է։ Լեռներում անձրև էր գալիս։ Քաղաք մտանք, անցանք ֆաբրիկաների, հետո առանձնատների կողքով ու ես նկատեցի, որ իմ բացակայությունից հետո ավելի շատ տներ էին ավերվել ռումբերից։
 +
 +
Նեղ փողոցում անցանք անգլիական կարմիր խաչի ավտոմեքենայի մոտով։ Վարորդը գլխարկ էր դրել, դեմքը նիհար էր և չափազանց թուխ։ Չէի ճանաչում նրան։ Իջա քաղաքապետարանի դիմաց գտնվող մեծ հրապարակում, վարորդը տվեց ուսապարկս, որը կապեցի մեջքիս, ապա կոճկեցի երկու պայուսակներն ու գնացի մեր առանձնատունը։ Դա բնավ նման չէր տունդարձի։
 +
 +
Քայլում էի ծառուղու թաց մանրախճերի վրայով ու նայում ծառերի ետևում սպիտակին տվող առանձնատանը։ Բոլոր պատուհանները փակ էին, իսկ դուռը՝ բաց։ Մտա ու տեսա մայորին։ Նստել էր գրասեղանի առջև, դատարկ մի սենյակում, որի պատերը ծածկված էին միայն քարտեզներով ու մեքենագիր թղթերով։
 +
 +
― Ողջույն, ― ասաց նա։ ― Ինչպե՞ս եք։
 +
 +
Նա ծերացել էր և մի տեսակ չորացել։
 +
 +
― Լավ եմ, ― ասացի ես։ ― Իսկ գործե՞րն ինչպես են։
 +
 +
― Ամեն ինչ վերջացավ, ― ասաց նա։ ― Բեռը ցած դրեք, նստեք։
 +
 +
Ուսապարկն ու երկու պահունակները դրեցի հատակին, գլխարկս՝ ուսապարկի վրա։ Պատի տակից մի աթոռ վերցրի ու նստեցի։
 +
 +
― Շատ լավ ամառ էր, ― ասաց մայորը։ ― Առողջացե՞լ եք։
 +
 +
― Այո։
 +
 +
― Ստացա՞ք պարգևները։
 +
 +
― Այո։ Առոք֊փառոք ստացա։ Շնորհակալություն։
 +
 +
― Հապա տեսնեմ։
 +
 +
Բաց արի թիկնոցս, որպեսզի երևան երկու ժապավենները։
 +
 +
― Մեդալնե՞րն էլ ստացաք։
 +
 +
― Ոչ։ Միայն թղթերը։
 +
 +
― Մեդալները հետո կուղարկեն։ Մի քիչ երկար կտևի։
 +
 +
― Ինձ ո՞ւր եք նշանակելու։
 +
 +
― Մեքենա չկա։ Վեցն էլ Կապորետոյում են։ Գիտե՞ք ուր է Կապորետոն։
 +
 +
― Այո, ― ասացի ես։ Հիշեցի փոքրիկ, սպիտակ մի քաղաք, հովտում՝ զանգակատուն։ Քաղաքը մաքուր էր, իսկ հրապարակում մի գեղեցիկ շատրվան կար։
 +
 +
― Մեքենաները այնտեղ են։ Հիվանդները հիմա շատացել են։ Մարտերը վերջացան։
 +
 +
― Իսկ մյուսնե՞րն ուր են։
 +
 +
― Երկուսը լեռներում են, չորսը Բարինզիցայում են մնացել։ Իսկ մյուս երկու սանիտարական ջոկատները Կարսոյում են, երրորդ բանակում։
 +
 +
― Ինձ ո՞ւր եք ուղարկելու։
 +
 +
― Եթե ուզում եք, կարող եք Բարինզիցայի չորս մեքենան վերցնել։ Ջինոն վաղուց է այնտեղ։ Դուք այս մարտերին չեք մասնակցել, չէ՞, կարծեմ ձեզնից հետո էր։
 +
 +
― Այո։
 +
 +
― Զզվելի բան էր։ Երեք մեքենա կորցրինք։
 +
 +
― Իմացա։
 +
 +
― Այո, Ռինալդին գրեց, չէ՞։
 +
 +
― Որտե՞ղ է Ռինալդին։
 +
 +
― Այստեղ է, հիվանդանոցում։ Ամռանն ու աշնանը հոգին դուրս եկավ։
 +
 +
― Պատկերացնում եմ։
 +
 +
― Սարսափելի էր, ― ասաց մայորը։ ― Չեք պատկերացնում ինչքան սարսափելի էր։ Հաճախ մտածում էի, որ ձեր բախտը բերեց, շուտ վիրավորվեցիք։
 +
 +
― Ես էլ եմ այդպես կարծում։
 +
 +
― Մյուս տարի ավելի վատ կլինի, ― ասաց մայորը։ ― Հավանական է, որ հիմա էլ հարձակման անցնեն։ Ասում են, բայց ես չեմ հավատում։ Շատ ուշ է։ Տեսա՞ք գետը։
 +
 +
― Այո։ Ջուրը բարձրացել է։
 +
 +
― Չեմ կարծում, որ հիմա հարձակման անցնեն, մանավանդ որ արդեն անձրև է գալիս լեռներում։ Շուտով ձյուն էլ կգա։ Իսկ ի՞նչ լուր կա ձեր հայրենակիցներից։ Ինչ է, բացի ձեզնից ուրիշ ամերիկացիների չե՞նք տեսնելու։
 +
 +
― Տասը միլիոնանոց բանակ են հավաքում։
 +
 +
― Լավ կլիներ, որ գոնե մի մասն ուղարկեին։ Բայց ֆրանսիացիները կպահեն բոլորին։ Ոչ ոք այստեղ չի հասնի։ Դե լավ։ Այս գիշեր մնացեք, իսկ վաղը մեքենայով կգնաք, կփոխարինեք Ջինոյին։ Կասեմ, որ որևէ մեկը ուղեկցի ձեզ։ Ջինոն ամեն ինչ կպատմի։ Այնտեղ երբեմն դեռ կրակում են, բայց, միևնույն է, ամեն ինչ արդեն վերջացել է։ Արժե Բարինզիցան տեսնել։
 +
 +
― Ուրախ եմ, որ պիտի տեսնեմ։ Ուրախ եմ, որ նորից ձեզ հետ եմ, signor maggiore.
 +
 +
Նա ժպտաց։
 +
 +
― Դուք շատ սիրալիր եք։ Հոգնել եմ պատերազմից։ Եթե այստեղից գնայի, դժվար թե ցանկանայի վերադառնալ։
 +
 +
― Ուրեմն այդքան վա՞տ էր։
 +
 +
― Այո։ Այդքան և մի քիչ էլ ավելի։ Գնացեք, լվացվեք և ձեր ընկերոջը, Ռինալդիին փնտրեք։
 +
 +
Վերցրի բեռներս ու աստիճաններով բարձրացա։
 +
 +
Ռինալդին սենյակում չէր, բայց իրերը տեղում էին, ու ես նստեցի մահճակալին, հանեցի փաթեթներս և աջ ոտքիս կոշիկը։ Հետո պառկեցի։ Հոգնած էի, և աջ ոտքս ցավում էր։ Ինձ թվաց, թե հիմարություն է մի կոշիկով պառկելը, դրա համար էլ նստեցի, քանդեցի մյուս կոշիկիս կապիչները, գցեցի հատակին ու նորից պառկեցի վերմակի վրա։ Պատուհանները փակ էին, և հեղձուցիչ օդ էր սենյակում, բայց ես շատ էի հոգնած և չէի կարողանում վեր կենալ ու բաց անել։ Տեսա, որ իրերս սենյակի անկյունում էին դրված։ Սկսում էր մթնել։ Մահճակալին պառկած, մտածում էի Կետրինի մասին և սպասում Ռինալդիին։ Որոշեցի Կետրինի մասին միայն գիշերները մտածել, քնելուց առաջ։ Բայց ես հոգնած էի և անելու բան չունեի, դրա համար էլ, պառկած, հիշում էի նրան։ Եվ երբ նրան էի հիշում, Ռինալդին սենյակ մտավ։ Չէր փոխվել։ Միայն մի քիչ նիհարել էր։
 +
 +
― Հը, բեյբի, ― ասաց նա։
 +
 +
Վեր կացա, նստեցի մահճակալին։ Նա մոտեցավ, նստեց կողքիս ու գրկեց ինձ։
 +
 +
― Իմ լավ բեյբի։
 +
 +
Նա թփթփացրեց մեջքիս, ու ես բռնեցի նրա թևերը։
 +
 +
― Իմ լավ բեյբի, ― ասաց նա։ ― Ապա ցույց տվեք ձեր ծունկը։
 +
 +
― Դրա համար պետք է տաբատը հանել։
 +
 +
― Հանեք ձեր տաբատը, բեյբի։ Այստեղ օտար մարդ չկա։ Ուզում եմ տեսնել, թե ոնց են ձեզ մշակել։
 +
 +
Վեր կացա, իջեցրի տաբատս և ծնկի վրայից հանեցի վիրակապը։ Ռինալդին նստեց գետնին և սկսեց զգուշորեն ծալել և ուղղել ոտքս։ Ձեռքը թեթևակի քսեց սպիին, ապա բութ մատները ծնկի երկու կողմերից միացրեց իրար, իսկ մյուս մատներով զգուշությամբ ցնցեց ծունկս։
 +
 +
― Էլ չի ծալվում, հա՞։
 +
 +
― Չէ։
 +
 +
― Հանցագործություն են արել, որ թույլ են տվել վերադառնալ։ Պետք է կարգին ծալվեր, հետո թողնեին։
 +
 +
― Առաջ ավելի վատ էր։ Կարծես գերան լիներ։
 +
 +
Ռինալդին մի անգամ էլ փորձեց։ Ես հետևում էի նրա ձեռքերին։ Վիրաբույժի ճարպիկ ձեռքեր էին։ Նայեցի գլխին ու հարթ սանրած և կողքից ճեղքված փայլուն մազերին։ Հանկարծ ուժեղ ծալեց ոտքս։
 +
 +
― Օ՜ֆ, ― ասացի ես։
 +
 +
― Պետք է մեխանիկական բուժում ստանայիք, ― ասաց Ռինալդին։
 +
 +
― Առաջ ավելի վատ էր։
 +
 +
― Գիտեմ, բեյբի։ Սա արդեն իմ ճյուղն է, ձեզնից լավ եմ հասկանում։ ― Վեր կացավ ու նստեց մահճակալին։ ― Վիրահատությունը վատ չի արված։ ― Սրանով էլ ավարտվեց ծնկի թեման։ ― Իսկ հիմա պատմեք։
 +
 +
― Ի՞նչ պատմեմ, ― ասացի ես։ ― Հանգիստ ապրում էի ինձ համար։
 +
 +
― Այնպես եք խոսում, որ կարծես ընտանիքի տեր լինեք, ― ասաց նա։ ― Ի՞նչ է պատահել։
 +
 +
― Ոչինչ, ― ասացի ես։ ― Իսկ ձե՞զ ինչ է պատահել։
 +
 +
― Այս պատերազմը սպանեց ինձ, ― ասաց Ռինալդին, ― էլ ուժ չմնաց։
 +
 +
Ձեռքերով գրկեց ծունկը։
 +
 +
― Օ՜, ― ասացի ես։
 +
 +
― Ի՞նչ է։ Մարդկային զգացմոնքնե՞ր էլ չեմ կարող ունենալ։
 +
 +
― Ոչ։ Տեսնում եմ, որ ուրախ ամառ եք անցկացրել։ Պատմեք։
 +
 +
― Ամբողջ ամառն ու աշունը զբաղված էի վիրահատելով։ Անդադար աշխատում եմ։ Աշխատում եմ բոլորի փոխարեն։ Ամենադժվար վիրահատություններն ինձ են թողնում։ Աստված վկա, բեյբի, կարգին վիրաբույժ եմ դառնում։
 +
 +
― Այ, սա արդեն լավ է հնչում։
 +
 +
― Ոչինչ չեմ մտածում։ Աստված վկա, չեմ մտածում, վիրահատում եմ միայն։
 +
 +
― Ճիշտ էլ անում եք։
 +
 +
― Բայց հիմա ուրիշ է, բեյբի։ Հիմա արդեն չեմ վիրահատում ու չտեսնված վատ եմ զգում։ Սոսկալի է այս պատերազմը, բեյբի։ Հավատացեք։ Իսկ հիմա մի քիչ ուրախացրեք ինձ։ Ձայնապնակները բերե՞լ եք։
 +
 +
― Այո։
 +
 +
Ուսապարկումս էին, տուփի մեջ, թղթով փաթաթված։
 +
 +
― Իսկ, ինչ է, դուք վատ չե՞ք զգում, բեյբի։
 +
 +
― Այն էլ ինչպես։
 +
 +
― Անտանելի է այս պատերազմը, ― ասաց Ռինալդին։ ― Դե լավ։ Մի քիչ խմենք, զվարճանանք, քամուն տանք հոգսերը։ Եվ ամեն ինչ լավ կլինի։
 +
 +
― Դեղնախտ ունեի, ― ասացի ես, ― ինձ չի թույլատրվում։
 +
 +
― Է՜, բեյբի, այս ի՞նչ ձևով եք ինձ մոտ վերադարձել։ Լրջացած, հիվանդ լյարդով։ Ճիշտ եմ ասում՝ զզվելի բան է պատերազմը։ Չեմ հասկանում, ի՞նչ գործ ունեինք։
 +
 +
― Եկեք խմենք։ Հարբել չեմ ուզում, բայց մի քիչ կարելի է խմել։
 +
 +
Ռինալդին մոտեցավ լվացարանին, երկու բաժակ վերցրեց ու մի շիշ կոնյակ։
 +
 +
― Ավստրիական կոնյակ է, ― ասաց նա։ ― Յոթ աստղանի։ Այն ամենն, ինչ հաջողվել է բռնագրավել Սան֊Գաբրիելում։
 +
 +
― Եղե՞լ եք այնտեղ։
 +
 +
― Ոչ։ Ոչ մի տեղ էլ չեմ եղել։ Միշտ այստեղ էի ու անընդհատ վիրահատում էի։ Նայեք, բեյբի, սա ձեր ատամ լվալու հին բաժակն է։ Պահել եմ, որ միշտ հիշեմ ձեզ։
 +
 +
― Կամ հիշեք, որ պետք է մաքրել ատամները։
 +
 +
― Ոչ։ Ես էլ այսպիսի բաժակ ունեմ։ Պահել եմ որպեսզի հիշեմ, թե ինչպես էիք առավոտները փորձում մաքրվել Վիա Ռոսայից, և հայհոյում էիք, և ասպիրին կուլ տալիս, և անիծում աղջիկներին։ Ամեն անգամ, երբ նայում եմ այս բաժակին, հիշում եմ, թե ինչպես էիք փորձում ատամի խոզանակով մաքրել մեր խիղճը։ ― Նա մոտեցավ մահճակալին։ ― Համբուրեք ինձ և ասեք, որ էլ այդքան լուրջ չեք լինի։
 +
 +
― Այդ էր պակաս, որ համբուրեմ։ Դուք կապիկ եք։
 +
 +
― Գիտեմ, անգլոսաքսոնացի լավ տղա եք դուք։ Գիտեմ։ Ձեր խիղճը ձեզ տանջում է, գիտեմ։ Կսպասեմ, մինչև որ իմ անգլոսաքսոնացի տղան ատամի խոզանակով հասարակաց տունը նորից մաքրի իր վրայից։
 +
 +
― Կոնյակ լցրեք։
 +
 +
Բաժակները խփեցինք իրար ու խմեցինք։ Ռինալդին ծիծաղում էր ինձ վրա։
 +
 +
― Հիմա մի լավ կխմեցնեմ, կհանեմ ձեր լյարդը մի կարգին իտալական լյարդ կդնեմ ու նորից մարդ կդարձնեմ ձեզ։
 +
 +
Մեկնեցի բաժակս, որպեսզի էլի կոնյակ լցնի։ Արդեն լրիվ մութ էր։ Բաժակը ձեռքիս մոտեցա պատուհանին ու բաց արի։ Անձրևն արդեն դադարել էր։ Ցուրտ էր, և ծառերը մշուշով էին ծածկվել։
 +
 +
― Կոնյակը պատուհանից չթափեք, ― ասաց Ռինալդին։ ― Եթե չեք կարող խմել, ինձ տվեք։
 +
 +
― Խմեք, տրաքվեք, ― ասացի ես։
 +
 +
Ուրախ էի, որ կրկին հանդիպել էի Ռինալդիին։ Երկու տարի շարունակ նա ձեռ էր առնում ինձ, և դա ինձ դուր էր գալիս։ Մենք լավ էինք հասկանում իրար։
 +
 +
― Ամուսնացա՞ք, ― մահճակալին նստած, հարցրեց ինձ։ Ես կանգնել էի պատուհանի մոտ ու պատին հենվել։
 +
 +
― Դեռ ոչ։
 +
 +
― Սիրահարվա՞ծ եք։
 +
 +
― Այո։
 +
 +
― Անգլիացի աղջկա՞ն։
 +
 +
― Այո։
 +
 +
― Խեղճ բեյբի։ Իսկ նա սիրո՞ւմ է ձեզ։
 +
 +
― Իհարկե։
 +
 +
― Իսկ գործնականում ապացուցե՞ց, որ սիրում է։
 +
 +
― Ձայներդ կտրեք։
 +
 +
― Ինչու չէ, կկտրեմ։ Այ, կտեսնեք, թե որքան փափկանկատ եմ ես։ Իսկ նա․․․
 +
 +
― Ռինի, ― ասացի ես։ ― Խնդրում եմ լռեք։ Եթե ուզում եք, որ ընկերներ մնանք, լռեք։
 +
 +
― Ի՞նչ ընկերներ, բեյբի։ Մենք արդեն ընկերներ ենք։
 +
 +
― Ուրեմն լռեք։
 +
 +
― Շատ լավ։
 +
 +
Մոտեցա մահճակալին ու նստեցի Ռինալդիի կողքին։ Բաժակը բռնած, նայում էր գետնին։
 +
 +
― Հիմա հասկացա՞ք, Ռինի։
 +
 +
― Այո, իհարկե։ Ամբողջ կյանքումս սուրբ զգացմունքների եմ դեմ առել։ Բայց ոչ ձեզ մոտ։ Դե, իհարկե, երևի դուք էլ կունենաք։ ― Նայում էր գետնին։
 +
 +
― Իսկ դու չունե՞ք։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Բնա՞վ չունեք։
 +
 +
― Բնավ։
 +
 +
― Դուք ինձ թույլ կտայի՞ք, որ ինչ խելքս փչեր ասեի ձեր մոր կամ ձեր քրոջ հասցեին։
 +
 +
― Նույնիսկ ձեր քրոջ մասին, ― աշխուժորեն ասաց Ռինալդին։
 +
 +
Երկուսս էլ ծիծաղեցինք։
 +
 +
― Իսկական գերմարդ, ― ասացի ես։
 +
 +
― Գուցե նախանձում եմ, ― ասաց Ռինալդին։
 +
 +
― Չեք կարող նախանձել։
 +
 +
― Ոչ այդ իմաստով։ Ուրիշ բան էի ուզում ասել։ Ամուսնացած ընկերներ ունե՞ք։
 +
 +
― Ունեմ, ― ասացի ես։
 +
 +
― Իսկ ես չունեմ, ― ասաց Ռինալդին։ Չունեմ այնպիսի ընկերներ, որոնք երջանիկ լինեին իրենց կանանց հետ։
 +
 +
― Ինչո՞ւ։
 +
 +
― Նրանք ինձ չեն սիրում։
 +
 +
― Ինչո՞ւ։
 +
 +
― Ես օձ եմ։ Իմացության օձը։
 +
 +
― Խառնեցիք ամեն ինչ։ Իմացության ծառը։
 +
 +
― Ոչ, օձը, ― մի փոքր զվարճացավ նա։
 +
 +
― Դուք ինձ ավելի եք դուր գալիս, երբ չեք խորանում, ― ասացի ես։
 +
 +
― Ես ձեզ սիրում եմ, բեյբի, ― ասաց նա։ ― Հենց որ իտալացի մեծ մտածող եմ դառնում, փեշս քաշեք։ Շատ բան գիտեմ, բայց չեմ կարող բացատրել։ Ձեզնից էլ շատ։
 +
 +
― Այո։ Ինձնից էլ շատ։
 +
 +
― Բայց ձեզ համար ավելի հեշտ կլինի ապրել։ Նույնիսկ խղճի խայթով ավելի հեշտ կլինի ապրել։
 +
 +
― Չեմ կարծում։
 +
 +
― Այո, այո։ Ճիշտ եմ ասում։ Հիմա ես աշխատանքի ժամանակ եմ միայն երջանիկ զգում։
 +
 +
Նորից գետին նայեց։
 +
 +
― Ոչինչ, կանցնի։
 +
 +
― Չի անցնի։ Մեկ էլ երկու բան եմ միայն սիրում․ մեկը խանգարում է աշխատանքիս, իսկ մյուսը հազիվ կես ժամ է տևում կամ տասնհինգ րոպե։ Երբեմն էլ՝ ավելի քիչ։
 +
 +
― Երբեմն է՛լ ավելի քիչ։
 +
 +
― Գուցե հաջողություններ եմ ունեցել, բեյբի։ Դուք ի՞նչ գիտեք։ Բայց ես միայն այդ երկուսն եմ գնահատում և մեկ էլ՝ իմ աշխատանքը։
 +
 +
― Դեռ ուրիշ բաներ էլ կգնահատեք։
 +
 +
― Ոչ։ Մենք երբեք ուրիշ ոչինչ չենք գնահատում։ Ծնվում ենք այնպես, ինչպես կանք ու էլ երբեք ոչինչ չենք սովորում։ Ոչ մի նոր բան չենք իմանում։ Սկսում ենք արդեն վերջացած։ Ուրախ եղեք, որ լատինացի չեք։
 +
 +
― Լատին֊մատին գույություն չունի։ Այ, սա է լատինական մտածելակերպը։ Դուք հպարտանում եք ձեր թերություններով։
 +
 +
Ռինալդին բարձրացրեց հայացքը ու ծիծաղեց։
 +
 +
― Դե լավ, հերիք է, բեյբի։ Հոգնեցի դատողություններից։ ― Երբ քիչ առաջ սենյակ մտավ, իսկույն նկատեցի, որ հոգնած տեսք ուներ։ ― Շուտով ճաշի ժամն է։ Ուրախ եմ, որ վերադարձաք։ Դուք իմ ամենալավ ընկերն եք և իմ զինակից եղբայրը։
 +
 +
― Ե՞րբ են ճաշում զինակից եղբայրները։
 +
 +
― Հիմա, հիմա։ Մի անգամ էլ խմենք ձեր լյարդի կենացը։
 +
 +
― Պողոս առաքյալի՞ պես։
 +
 +
― Վատ եք հիշում։ Գինի և ստամոքս կար այնտեղ։ Մի քիչ գինի խմեք, որպեսզի բուժեք ձեր ստամոքսը։
 +
 +
― Մեկ է՝ ինչի համար, ― ասացի ես։ ― Ամեն ինչի համար էլ կխմեմ։
 +
 +
― Ձեր աղջկա կենացը, ― ասաց Ռինալդին և բարձրացրեց բաժակը։
 +
 +
― Համաձայն եմ։
 +
 +
― Էլ ոչ մի վատ բան չեմ ասի նրա մասին։
 +
 +
― Մի բռնացեք ձեզ վրա։
 +
 +
Նա մինչև վերջ խմեց կոնյակը։
 +
 +
― Իմ հոգին մաքուր է, ― ասաց նա։ ― Ես ձեզ նման եմ, բեյբի։ Ես էլ եմ անգլիացի աղջիկ ճարելու։ Փաստորեն առաջինը ես եմ ծանոթացել ձեր աղջկա հետ, բայց իմ համեմատությամբ շատ բարձրահասակ էր նա։ Բարձրահասակ մի աղջիկ, որ քույրն է իմ, ― արտասանեց նա։
 +
 +
― Դուք շատ գեղեցիկ ու մաքուր հոգի ունեք, ― ասացի ես։
 +
 +
― Այդպես է չէ՞։ Դրա համար էլ ինձ կանչում են մաքրամաքուր Ռինալդի։
 +
 +
― Ամենախոզ Ռինալդի։
 +
 +
― Դե լավ, բեյբի, գնանք ճաշենք, քանի չեմ կորցրել մաքրությունս։
 +
 +
Լվացվեցի, սանրվեցի, ու մենք նորից ցած իջանք։ Ռինալդին մի քիչ գինով էր։ Ճաշարան մտանք, բայց ճաշը դեռ պատրաստ չէր։
 +
 +
― Գնամ կոնյակ բերեմ, ― ասաց Ռինալդին։
 +
 +
Նա վեր բարձրացավ։ Ես նստեցի սեղանի մոտ, քիչ անց բերեց շիշը և ամեն մեկիս կես բաժակ կոնյակ լցրեց։
 +
 +
― Շատ լավ է, ― ասացի ես, բարձրացրի բաժակը ու նայեցի սեղանի լույսի տակ։
 +
 +
― Դատարկ ստամոքսի համար շատ չէ։ Սքանչելի բան է։ Վառում է մեջքդ։ Դրանից վատ բան չկա ձեզ համար։
 +
 +
― Դե լավ, թող այդպես լինի։
 +
 +
― Սիստեմատիկ ինքնաքայքայում, ― ասաց Ռինալդին։ ― Փչացնում է ստամոքսը և դողացնում ձեռքերը, իսկ և իսկ վիրաբույժի գործ է։
 +
 +
― Ուրեմն խորհո՞ւրդ եք տալիս։
 +
 +
― Այո, սրտանց։ Ես ուրիշ բան չեմ խմում։ Խմեք, բեյբի, և պատրաստվեք հիվանդանալու։
 +
 +
Խմեցի բաժակի կեսը։ Միջանցքից լսվեց հանձնակատարի ձայնը․ «Ապուրը պատրաստ է»։
 +
 +
Ներս մտավ մայորը, գլխով արեց մեզ ու նստեց։ Սեղանի մոտ նա շատ փոքր էր երևում։
 +
 +
― Էլ մարդ չկա՞, ― հարցրեց նա։
 +
 +
Հանձնակատարը ապուրի ամանը դրեց նրա առջև, ու նա անմիջապես լցրեց ամբողջ պնակը։
 +
 +
― Այսքանս ենք, ― ասաց Ռինալդին ― Մեկ էլ քահանան։ Եթե իմանար Ֆեդերիկոն եկել է, անմիջապես կգար։
 +
 +
― Որտե՞ղ է, ― հարցրի ես։
 +
 +
― Երեք հարյուր յոթերորդում է, ― ասաց մայորը։ Նա զբաղված էր ապուր ուտելով։ Սրբեց բերանը, խնամքով մաքրեց դեպի վեր ոլորած ճերմակ բեղերը։ ― Երևի կգա։ Քիչ առաջ այնտեղ էի։ Երկտող թողեցի, որ եկել եք։
 +
 +
― Ճաշարանը առաջ ավելի աղմկոտ էր, ― ասացի ես։
 +
 +
― Այո, հիմա խաղաղ է, ― ասաց մայորը։
 +
 +
― Ոչինչ, ես կաղմկեմ, ― ասաց Ռինալդին։
 +
 +
― Գինի խմեք, Էնրիկո, ― ասաց Մայորը։
 +
 +
Նա լցրեց իմ բաժակը։ Սպագետտի բերեցին, ու բոլորս զբաղվեցինք ուտելով։ Արդեն վերջացնում էինք, երբ ներս մտավ քահանան։ Չէր փոխվել։ Փոքրամարմին, թուխ և ինքնամփոփ։ Վեր կացա, ու մենք միմյանց ձեռք սեղմեցինք։ Նա ձեռքը դրեց ուսիս։
 +
 +
― Հենց որ իմացա, եկա, ― ասաց նա։
 +
 +
― Նստեք, ― ասաց մայորը։ ― Ուշացել եք։
 +
 +
― Բարի երեկո, հայր սուրբ, ― ասաց Ռինալդին։
 +
 +
― Բարի երեկո, Ռինալդի, ― ասաց քահանան։
 +
 +
Հանձնակատարը ապուր բերեց, բայց նա ասաց, որ ուզում է նախ սպագետտի ուտել։
 +
 +
― Ինչպե՞ս է ձեր առողջությունը, ― նա հարցրեց ինձ։
 +
 +
― Լավ է, ― ասացի ես։ ― Ի՞նչ նորություն կա։
 +
 +
― Գինի խմեք, հայր սուրբ, ― ասաց Ռինալդին։ ― Գինի խմեք ի սեր ստամոքսի։ Պողոս առաքյալն է ասել, գիտեք, չէ՞։
 +
 +
― Գիտեմ, ― քաղաքավարությամբ ասաց քահանան։
 +
 +
Ռինալդին լցրեց նրա բաժակը։
 +
 +
― Ա՜խ այդ Պողոս առաքյալը, ― ասաց Ռինալդին։ ― Նա է ամեն ինչում մեղավոր։
 +
 +
Քահանան նայեց ինձ ու ժպտաց։ Նկատեցի, որ կատակներն արդեն սրտին մոտ չէր ընդունում։
 +
 +
― Ա՜խ այդ Պողոս առաքյալը, ― ասաց Ռինալդին։ ― Ամբողջ կյանքը շնություն է արել ու կանանց ետևից ընկել, իսկ երբ էլ ուժ չի մնացել, ասել է, որ մեղք է այդ ամենը։ Հենց որ անկարող է դարձել, սկսել է օրենքներ հնարել ու սովորեցնել բոլոր նրանց, որոնց ուժը տեղն է դեռ։ Ճիշտ չէ՞, Ֆեդերիկո։
 +
 +
Մայորը ժպտաց։ Այդ պահին մենք տապակած միս էինք ուտում։
 +
 +
― Մայրամուտից հետո սրբերին երբեք չեմ քննադատում, ― ասացի ես։
 +
 +
Քահանան հայացքը բարձրացրեց պնակից ու ժպտաց ինձ։
 +
 +
― Տեսնո՞ւմ եք, նա էլ անցավ քահանայի կողմը, ― ասաց Ռինալդին։ ― Ո՞ւր են մեր հին և բարի կատակները։ Ո՞ւր է Կավալկանտին։ Ո՞ւր է Բրունդին։ Ո՞ւր է Չեզարեն։ Ի՞նչ է, ես մենա՞կ եմ ձեռք առնելու քահանային, առանց ձայնակցողների՞։
 +
 +
― Նա լավ քահանա է, ― ասաց մայորը։
 +
 +
― Լավ քահանա է, ― ասաց Ռինալդին։ ― Բայց քահանա է։ Ես փորձում եմ այնպես անել, որ ճաշարանում ամեն ինչ առաջվա պես լինի։ Ուզում եմ հաճույք պատճառել Ֆեդերիկոյին։ Գրողի ծոցը կորեք, հայր սուրբ։
 +
 +
Նկատեցի, թե ինչպես էր մայորը նայում Ռինալդիին ու հասկանում, որ նա հարբած է։ Նրա նիհար դեմքն սպիտակել էր։ Ճերմակ ճակատի վրա մազերը էլ ավելի սև էին թվում։
 +
 +
― Ոչինչ, Ռինալդի, ― ասաց քահանան։ ― Ոչինչ։
 +
 +
― Գրողի ծոցը կորեք, ― ասաց Ռինալդին։ ― Գրողի ծոցը կորչի ամեն ինչ։
 +
 +
Նա հենվեց աթոռի մեջքին։
 +
 +
― Շատ է աշխատել, շատ է հոգնել, ― մայորն ասաց ինձ։
 +
 +
Կերավ միսը ու հացի պատառով մաքրեց սոուսը։
 +
 +
― Թքել եմ ձեզ վրա, ― ասաց Ռինալդին, դիմելով սեղանին։ ― Գրողի ծոցը կորչի ամեն ինչ։
 +
 +
Մարտահրավեր նետելով, նայեց շուրջը։ Աչքերն անփայլ էին, դեմքը՝ գունատ։
 +
 +
― Դե լավ, ― ասացի ես։ ― Թող գրողի ծոցը կորչի ամեն ինչ։
 +
 +
― Ոչ, ոչ, ― ասաց Ռինալդին։ ― Այդպես չի կարելի։ Այդպես չի կարելի։ Ասում եմ, չի կարելի։ Խավար ու դատարկ, ուրիշ ոչինչ չկա։ Լսո՞ւմ եք, ոչինչ չկա։ Ես դա լավ գիտեմ, երբ չեմ աշխատում։
 +
 +
Քահանան շարժեց գլուխը։ Հանձնակատարը սեղանի վրայից վերցրեց պնակները։
 +
 +
― Ինչո՞ւ եք միս ուտում, ― Ռինալդին դարձավ քահանային, ― ինչ է, չգիտե՞ք, որ այսօր ուրբաթ է։
 +
 +
― Հինգշաբթի է, ― ասաց քահանան։
 +
 +
― Սուտ է։ Ուրբաթ է այսօր։ Դուք փրկչի մարմինն եք ուտում։ Սա աստծո միսն է։ Գիտեմ։ Ավստրիական փտած միս։ Այ թե ինչ եք ուտում։
 +
 +
― Սպիտակ միսը սպաների միսն է, ― ասացի ես, հիշելով մի հին կատակ։
 +
 +
Ռինալդին ծիծաղեց և լցրեց իր բաժակը։
 +
 +
― Մի լսեք ինձ, ― ասաց նա։ ― Խելքս թռցրել եմ մի քիչ։
 +
 +
― Լավ կլիներ արձակուրդ գնայիք, ― ասաց քահանան։
 +
 +
Մայորը բացասաբար շարժեց գլուխը։ Ռինալդին նայեց քահանային։
 +
 +
― Ուրեմն, ըստ ձեզ, ես պետք է արձակո՞ւրդ գնամ։
 +
 +
Մայորը քահանային նայելով, բացասաբար շարժեց գլուխը։ Ռինալդին ևս նայեց քահանային։
 +
 +
― Դուք գիտեք, ― ասաց քահանան։ ― Եթե չեք ուզում, մի գնացեք։
 +
 +
― Գրողի ծոցը կորեք, ― ասաց Ռինալդին։ ― Ուզում եք ազատվել ինձանից։ Ամեն գիշեր փորձում են ազատվել ինձնից։ Իսկ ես պաշտպնվում եմ մի կերպ։ Հետո՞ ինչ, որ ես այսպիսին եմ։ Բոլորն են այսպիսին։ Ամբողջ աշխարհն է այսպիսին։ Նախ, ― դասախոսական տոնով շարունակեց նա, ― փոքրիկ պզուկ է լինում։ Հետո կրծքի վրա ցան է երևում։ Հետո այլևս ոչինչ չենք նկատում։ Հույսներս դնում ենք սնդիկի վրա։
 +
 +
― Կամ սալվարսանի, ― մայորը հանգիստ ընդհատեց նրան։
 +
 +
― Սնդիկյան պրեպարատ, ― ասաց Ռինալդին։ Հիմա նա վերամբարձ տոնով էր խոսում։ ― Ավելի լավ բան էլ գիտեմ։ Իմ բարի, իմ լավ քահանա, ― ասաց նա, ― դուք երբեք այսպիսին չեք լինի։ Իսկ բեյբին կլինի։ Դա արտադրական վթար է։ Արտադրական պարզ վթար։
 +
 +
Հանձնակատարը սուրճ և քաղցրեղեն բերեց։ Քաղցրեղենը հացի պուդինգի նման ինչ֊որ բան էր, վրան՝ առատ մրգանուշ։
 +
 +
― Լամպը մխում էր, սև մրուրը նստել էր ապակու վրա։
 +
 +
― Լամպը տարեք, երկու մոմ բերեք, ― ասաց մայորը։
 +
 +
Հանձնակատարը ամաններին կպած երկու վառվող մոմ բերեց, վերցրեց լամպը, հանգցրեց ու տարավ։ Ռինալդին հանգստացել էր։ Կարծես խելքը գլուխն էր եկել։ Մի քիչ էլ զրուցեցինք, իսկ սուրճը խմելուց հետո գնացինք նախասրահ։
 +
 +
― Դուք երևի ուզում եք քահանայի հետ խոսել։ Իսկ ես պետք է քաղաք գնամ, ― ասաց Ռինալդին։ ― Բարի գիշեր, հայր սուրբ։
 +
 +
― Բարի գիշեր, Ռինալդի, ― ասաց քահանան։
 +
 +
― Կհանդիպենք, Ֆրեդի, ― ասաց Ռինալդին։
 +
 +
― Այո, ― ասացի ես։ ― Շուտ եկեք։
 +
 +
Նա ծամածռեց դեմքն ու դուրս եկավ։ Մայորը կանգնել էր մեր կողքին։
 +
 +
― Շատ է հոգնել, շատ է աշխատել, ― ասաց նա։ ― Եվ համոզված է, որ սիֆիլիս ունի։ Չեմ կարծում, բայց ով գիտե, մեկ էլ տեսար իսկապես ունի։ Բուժում է իրեն։ Բարի գիշեր։ Առավոտը շո՞ւտ եք գնալու Էնրիկո։
 +
 +
― Այո։
 +
 +
― Դե, ուրեմն, ցտեսություն, ― ասաց նա։ ― Բարի ճանապարհ։ Պեդուցին կարթնացնի և կուղեկցի ձեզ։
 +
 +
― Ցտեսություն։
 +
 +
― Ցտեսություն։ Ասում են, թե ավստրիացիները նորից են հարձակվելու, բայց չեմ կարծում։ Չեմ ուզում հավատալ։ Համենայն դեպս այստեղ հարձակում չի լինի։ Ջինոն ձեզ ամեն ինչ կպատմի։ Հեռախոսները հիմա լավ են աշխատում։
 +
 +
― Ես հաճախ զանգ կտամ։
 +
 +
― Խնդրում եմ։ Բարի գիշեր։ Մի թողեք, որ Ռինալդին շատ խմի։
 +
 +
― Կփորձեմ։
 +
 +
― Բարի գիշեր, հայր սուրբ։
 +
 +
― Բարի գիշեր։
 +
 +
Նա գնաց իր առանձնասենյակը։
 +
 +
 +
==Գլուխ 26==
 +
 +
Մոտեցա դռանը ու դուրս նայեցի։ Անձրևը դադարել էր, բայց մշուշ կար։
 +
 +
― Չգնա՞նք ինձ մոտ, ― հարցրի քահանային։
 +
 +
― Բայց ես չեմ կարող երկար մնալ։
 +
 +
― Ոչինչ, գնանք։
 +
 +
Բարձրացանք աստիճաններով և մտանք իմ սենյակը։ Ես պառկեցի Ռինալդիի մահճակալին։ Քահանան նստեց իմ անկողնու վրա, որ հանձնակատարն էր հարդարել։ Սենյակում մութ էր։
 +
 +
― Այնուամենայնիվ, ինչպե՞ս են ձեր առողջությունը։
 +
 +
― Լավ է։ Պարզապես հոգնել եմ այսօր։
 +
 +
― Ես էլ հոգնած, չնայած բան չեմ արել։
 +
 +
― Ի՞նչ նորություն կա։
 +
 +
― Ինձ թվում է, որ պատերազմը շուտով կավարտվի։ Չգիտեմ ինչու, բայց այդպիսի նախազգացում ունեմ։
 +
 +
― Իսկ ինչի՞ց եք ենթադրում։
 +
 +
― Նկատեցի՞ք, թե ինչքան է փոխվել մայորը։ Մի տեսակ խեղճացել է։ Հիմա շատերն են այդպես։
 +
 +
― Ես էլ․․․
 +
 +
― Սարսափելի ամառ էր, ― ասաց քահանան։ ― Հիմա նա ավելի ինքնավստահ էր, քան առաջ։ ― Չեք կարող պատկերացնել, թե դա ինչ բան էր։ Կարող է պատկերացնել միայն նա, ով եղել է այստեղ։ Այս ամռանը շատերը հասկացան, թե ինչ է նշանակում պատերազմ։ Նույնիսկ սպաները, որոնք կարծես թե ընդունակ չեն դրան, նույնիսկ նրա՛նք հասկացան։
 +
 +
― Հետո ի՞նչ է լինելու։ ― Ափով շոյում էի վերմակը։
 +
 +
― Չգիտեմ, բայց ինձ թվում է, որ սա չի կարող երկար շարունակվել։
 +
 +
― Հետո՞, հետո՞։
 +
 +
― Կդադարեն կռվել։
 +
 +
― Ովքե՞ր։
 +
 +
― Երկու կողմերն էլ։
 +
 +
― Հուսանք, ― ասացի ես։
 +
 +
― Չե՞ք հավատում։
 +
 +
― Չեմ հավատում, որ երկու կողմերն էլ միանգամից կդադարեն կռվել։
 +
 +
― Իհարկե ոչ։ Դա երանելի բան կլիներ։ Բայց երբ տեսնում եմ մարդկանց վիճակը, համոզվում եմ, որ սա չի կարող անվերջ շարունակվել։
 +
 +
― Ո՞վ հաղթեց ամռանը։
 +
 +
― Ոչ ոք։
 +
 +
― Ավստրիացիները հաղթեցին, ― ասացի ես։ ― Սան֊Գաբրիելեն չհանձնեցին իտալացիներին։ Նրանք հաղթեցին։ Նրանք չեն դադարի կռվել։
 +
 +
― Եթե նրանք էլ են նույն ձևով մտածում, գուցե դադարեն։
 +
 +
― Հաղթողը երբեք չի դադարի կռվել։
 +
 +
― Դուք ինձ թևաթափ եք անում։
 +
 +
― Ասում եմ այն, ինչ մտածում եմ։
 +
 +
― Ուրեմն, կարծում եք, որ սա պիտի անընդհատ շարունակվի՞։ Ու ոչինչ չի՞ պատահելու։
 +
 +
― Չգիտեմ։ Միայն կարծում եմ, որ ավստրիացիները չեն դադարի կռվել, քանի որ հաղթանակ են տարել։ Պարտությունն է մեզ քրիստոնյա դարձնում։
 +
 +
― Ավստրիացիներն էլ են քրիստոնյա, բացառությամբ բոսնիացիներից։
 +
 +
― Բառացի մի հասկացեք։ Ես խոսում եմ քրիստոնեական ոգու մասին։
 +
 +
Նա չպատասխանեց։
 +
 +
― Հիմա բոլորս էլ խեղճացել ենք, որովհետև պարտություն ենք կրել։ Ով իմանա՝ ի՞նչ կդառնար Քրիստոսը, եթե Պետրոսը Գեֆսիեմանի այգիներից փրկեր նրան։
 +
 +
― Նույնը կմնար։
 +
 +
― Կասկածում եմ, ― ասացի ես։
 +
 +
― Դուք ինձ թևաթափ եք անում, ― ասաց նա։ ― Ես հավատում եմ, որ պետք է ինչ֊որ բան պատահի և աղոթում եմ դրա համար։ Ես զգում եմ, որ մոտենում է այդ բանը։
 +
 +
― Գուցե և պատահի, ― ասացի ես։ ― Բայց միայն մեզ մոտ։ Եթե նրանք էլ են նույն ձևով մտածում, դա արդեն ուրիշ հարց է։ Բայց նրանք հաղթել են մեզ։ Նրանք այլ ձևով են մտածում։
 +
 +
― Զինվորների մեծ մասը վաղուց ի վեր այդ ձևով է մտածում։ Եվ ոչ այն պատճառով, որ հիմա պարտություն են կրել։
 +
 +
― Նրանք հենց սկզբից են պարտություն կրել։ Պարտություն են կրել այն օրից, երբ նրանց կտրեցին հողից և բանակ տարան։ Ահա թե ինչու է գյուղացին իմաստուն։ Որովհետև հենց սկզբից պարտություն է կրել։ Իշխանություն տվեք նրան և կտեսնեք, թե նա ինչքան իմաստուն է։
 +
 +
Նա չպատասխանեց։ Մտածում էր։
 +
 +
― Ծանր է, ինքս էլ եմ միշտ զգում, ― ասացի ես։ ― Դրա համար էլ աշխատում եմ չմտածել այս ամենի մասին։ Չեմ էլ մտածում։ Բայց երբ սկսում եմ խոսել, ինքնաբերաբար են գալիս այս մտքերը։
 +
 +
― Իսկ ես ինչ֊որ բանի հույս ունեի։
 +
 +
― Պարտությա՞ն։
 +
 +
― Ոչ։ Ավելի մեծ բանի։
 +
 +
― Ավելի մեծ բան չկա բացի հաղթանակից։ Բայց դա կարող է ավելի վատ լինել։
 +
 +
― Երկար ժամանակ կարծում էի, թե կհաղթենք։
 +
 +
― Ես էլ։
 +
 +
― Իսկ հիմա չգիտեմ։
 +
 +
― Մի բան կլինի, հաղթանակ կամ պարտություն։
 +
 +
― էլ չեմ հավատում հաղթանակի։
 +
 +
― Ես էլ։ Բայց պարտության էլ չեմ հավատում։ Թեև դա ավելի լավ կլիներ։
 +
 +
― Իսկ ինչի՞ եք հավատում։
 +
 +
― Երազի, ― ասացի ես։
 +
 +
Նա վեր կացավ։
 +
 +
― Ներեցեք, որ այսքան երկար նստեցի։ Բայց շատ եմ սիրում ձեզ հետ զրուցել։
 +
 +
― Ինձ համար էլ շատ հաճելի է ձեզ հետ զրուցելը։ Երազի մասին հենց այնպես ասացի, կատակով։
 +
 +
Ես վեր կացա, ու մթության մեջ մենք միմյանց ձեռք սեղմեցինք։
 +
 +
― Ես հիմա 307-ում եմ քնում, ― ասաց նա։
 +
 +
― Վաղը առավոտից պահակետերն եմ գնալու։
 +
 +
― Վերադարձին կհանդիպենք։
 +
 +
― Կզբոսնենք ու կխոսենք։
 +
 +
Նրան ուղեկցեցի մինչև դուռը։
 +
 +
― Մի իջեք, ― ասաց նա։ ― Շատ հաճելի է, որ վերադարձաք՝ թեև ձեզ համար այնքան էլ հաճելի չէ։
 +
 +
Նա ձեռքը դրեց ուսիս։
 +
 +
― Ինձ համար էլ վատ չէ, ― ասացի ես։ ― Բարի գիշեր։
 +
 +
― Բարի գիշեր։
 +
 +
― Ciao, ― ասացի ես։
 +
 +
Չտեսնված տանում էր քունս։
 +
 +
 +
==Գլուխ 27==
 +
 +
Երբ Ռինալդին եկավ, աղմուկից արթնացա, բայց նա չխոսեց, ու ես նորից քնեցի։ Առավոտյան, լուսաբացից առաջ, հագնվեցի ու գնացի։ Երբ դուրս եկա, Ռինալդին դեռ քնած էր։
 +
 +
Առաջին անգամն էի տեսնում Բարինզիցան, և տարօրինակ էր բարձրանալ լեռնալանջը, որը գարնանը դեռևս ավստրիացիների ձեռքին էր, տարօրինակ էր անցնել այն գետափով, որտեղ վիրավորվել էի ես։ Այնտեղ հիմա կառուցված էր նոր և զառիթափի մի ճանապարհ, որտեղից բազմաթիվ բեռնատար ավտոմեքենաներ էին անցնում։ Վերևում ճանապարհն ավելի հարթ էր, ու ես տեսա մշուշի մեջ թաղված անտառներ և զառիթափ բլուրներ։ Անտառներն արագ էին գրավել և չէին հասցրել ոչնչացնել։ Ավելի հեռու, այնտեղ, ուր ճանապարհը չէր պաշտպանված բլուրներով, վերևից ու կողքերից պահպանակներ էին դրված։ Ճանապարհը վերջանում էր ավերված մի գյուղի մոտ։ Այստեղից սկսում էին դիրքերը։ Չորս կողմը հրետանիներ կային։ Տները կիսաքանդ էին, բայց ամեն ինչ լավ էր կազմակերպված, ամենուրեք նշացույցեր էին դրված։ Մենք գտանք Ջինոյին, ու նա մեզ սուրճ հյուրասիրեց, հետո դուրս եկանք միասին, հանդիպեցինք զանազան մարդկանց ու դիտեցինք պահակետերը։ Ջինոն ասաց, որ անգլիական մեքենաներն աշխատում էին Ռավնեում։ Նա հիացած էր անգլիացիներով։ Ասաց, որ երբեմն կրակում են դեռ, բայց վիրավորները քիչ են։ Հիմա, երբ անձրևներ են սկսել, հիվանդների թիվը կավելանա։ Ասում են, թե ավստրիացիները նորից են հարձակվելու, բայց նա չի հավատում։ Ասում են, թե մենք էլ ենք պատրաստվում հարձակման, բայց ոչ մի օժանդակ ուժ դեռ չեն ուղարկել, այնպես որ, դա ևս քիչ հավանական է։ Պարենի նեղություն կա, ու նա շատ ուրախ է, որ Գորիցիայում կարող է կարգին ճաշ ուտել։ ― Ի՞նչ եմ կերել երեկ։ Պատասխանեցի, ու նա ասաց, որ հիանալի բաներ եմ կերել։ Հատկապես dolce-ն մեծ տպավորություն գործեց նրա վրա։ Ես մանրամասն չնկարագրեցի, միայն ասացի, որ dolce են տվել ճաշից հետո և, ըստ երևույթին, նա հացի պուդինգից ավելի լավ բան պատկերացրեց։
 +
 +
Գի՞տեմ, թե նա ուր պետք է գնա։ Ասացի՝ չգիտեմ։ Բայց մեքենաների մի մասը գտնվում է Կապորետոյում։ Երանի այնտեղ գնար։ Սքանչելի քաղաք է, և նրան դուր են գալիս քաղաքը շրջապատող բարձր լեռները։ Նա սքանչելի տղա էր, և բոլորը սիրում էին նրան։ Նա ասաց, որ իսկական դժոխքը Սան֊Գաբրիելեում էր ու Լոմի ճակատամարտում, որը վատ վերջացավ։ Նա ասաց, որ ամենուրեք, անտառներում և Տերնովայի լեռնաշղթայում, ավստրիական հրետանիներ են կանգնած և գիշերը կատաղորեն հրետակոծում են ճանապարհը։ Ծովային թնդանոթների մի ամբողջ մարտկոց ունեն, այդ թնդանոթները շատ են ազդում նրա ջղերի վրա։ Ցածրից էին թռչում դրանց արկերը և հենց դրանով էլ հեշտությամբ զանազանվում։ Համազարկից գրեթե անմիջապես հետո լսվում էր սուլոցի ձայնը։ Սովորաբար երկու թնդանոթ էին իրար ետևից կրակում, և պայթյունի ժամանակ արկի հսկայական բեկորներ էին թռչում։ Նա ինձ ցույց տվեց այդ բեկորներից մեկը, մի ոտնաչափ երկարությամբ քառթված երկաթի մի կտոր, որ նման էր բաբիթի։
 +
 +
― Դժվար թե սրանք լավ արդյունք տան, ― ասաց Ջինոն։ ― Բայց ես վախենում եմ դրանցից։ Այնպիսի ձայն են հանում, որ կարծես ուղիղ քեզ վրա են թռչում։ Սկզբում հարված, հետո՝ սուլոց ու պայթյուն։ Հետո՞ ինչ, որ չեն վիրավորում, փոխարեն՝ վախից լեղապատառ են լինում։
 +
 +
Նա ասաց, որ հիմա դիմացի դիրքերում կանգնած են խորվաթական և հունգարական մի քանի գնդեր։ Մեր զինվորները դեռևս հարձակման դիրքեր են գրավել։ Եթե ավստրիացիները հարձակվեն, նահանջի տեղ չկա։ Հարթավայրից այն կողմ, ցածրիկ լեռներում, պաշտպանողական հիանալի դիրքեր կան, բայց դեռ ոչ մի աշխատանք չի տարված այդ ուղղությամբ։ Իմիջիայլոց Բարինզիցան ի՞նչ տպավորություն թողեց ինձ վրա։
 +
 +
Ավելի հարթ էի պատկերացնում, կարծում էի, թե իսկական հարթավայր է։ Չգիտեի, որ տեղանքն այսքան կտրտված է։
 +
 +
― Alto piano, <ref>Սարահարթ (իտ․)։</ref> ― ասաց Ջինոն, ― բայց ոչ piano:<ref>Հարթավայր (իտ․)։</ref>
 +
 +
Մենք իջանք այն տան մառանը, որտեղ ապրում էր նա։ Ես ասացի, որ ըստ իս, ավելի հեշտ և ավելի ձեռնտու է պահել լեռնաշարքը, եթե գագաթները տափակ են և որոշ խորություն ունեն, քան թե փոքր լեռների շղթան։ Լեռներում կռվելն ավելի դժվար չէ, քան հարթավայրում, պնդում էի ես։
 +
 +
― Նայած թե ինչ լեռներ են, ― ասաց նա։ ― Վերցրեք, օրինակ, Սան֊Գաբրիելեն։
 +
 +
― Այո, ― ասացի ես։ ― Դրությունը ծանրացավ գագաթին, որը հարթ էր։ Իսկ մինչև գագաթը համեմատաբար հեշտ հասան։
 +
 +
― Ոչ այնքան հեշտ, ― ասաց նա։
 +
 +
― Ճիշտ է, ― ասացի ես։ ― Բայց, համենայն դեպս, ձեր պատմածը հատուկ դեպք էր, որովհետև դա ավելի շատ ամրոց էր, քան՝ լեռ։ Ավստրիացիները տարիներ շարունակ ամրացնում էին այն։
 +
 +
Ուզում էի ասել, որ առաջխաղացման հետ կապված ռազմական գործողություններում լեռների շղթան որպես ճակատի գիծ պահելը տակտիկորեն իմաստ չունի, որովհետև անչափ հեշտ է լեռները շրջանցել։ Այստեղ անհրաժեշտ է առավելագույն դյուրաշարժություն, իսկ լեռներում գրեթե անկարելի է դյուրաշարժ լինելը։ Միաժամանակ, երբ վերևից են կրակում, հաճախ նպատակին չեն դիպչում։ Իսկ երբ թևերը նահանջում են, լավագույն ուժերը մնում են ամենաբարձր գագաթներին։ Անհուսալի բան է լեռներում կռվելը։ Շատ եմ մտածել այդ մասին, ասացի ես։ Մենք նստում ենք մի լեռան վրա, նրանք նստում են մյուս լեռան վրա, բայց հենց որ լուրջ բան է սկսվում, երկու կողմերն էլ իջնում են լեռներից։
 +
 +
― Իսկ ի՞նչ անել, եթե սահմանն անցնում է լեռներով, ― հարցրեց նա։
 +
 +
― Այդ մեկը չեմ մտածել, ― ասացի ես, ու մենք ծիծաղեցինք։ ― Բայց, ասացի ես, ― առաջ միշտ էլ ավստրիացիներին խփում էին Վերոնայի ամրոցների քառակողմերում։ Թողնում էին դաշտ իջնել, և հենց այդտեղ էլ ջարդում էին նրանց։
 +
 +
― Այո, ― ասաց Ջինոն։ ― Բայց նրանք ֆրանսիացիներ էին, իսկ երբ ուրիշի երկրում ես կռվում, միշտ հեշտ է ստրատեգիական խնդիրներ լուծելը։
 +
 +
― Ճիշտ է, ― համաձայնեցի ես։ ― Իսկ երբ դա քո երկիրն է, չես կարող զուտ գիտական մոտեցում ունենալ։
 +
 +
― Ռուսներն այդ արել են, որպեսզի Նապոլեոնին ծուղակ գցեն։
 +
 +
― Այո, բայց ինչ հսկայական տարածություն ունեն նրանք։ Ապա Իտալիայում փորձեք նահանջել՝ Նապոլեոնին ծուղակ գցելու համար, տեղնուտեղը Բրինդիզի կհասնեք։
 +
 +
― Զզվելի տեղ է, ― ասաց Ջինոն։ ― Եղե՞լ եք։
 +
 +
― Անցել եմ միայն։
 +
 +
― Ես հայրենասեր եմ, ― ասաց Ջինոն։ ― Բայց չեմ կարող Բրինդիզին կամ Տարանտոն սիրել։
 +
 +
― Իսկ Բարինզիցան սիրո՞ւմ եք, ― հարցրի ես։
 +
 +
― Սա սրբազան հող է, ― ասաց նա։ ― Բայց կուզենայի, որ այդ հողը ավելի շատ կարտոֆիլ տար։ Երբ այստեղ եկանք, գիտե՞ք ինչ տեսանք․ կարտոֆիլի դաշտեր, որ ավստրիացիներն էին ցանել։
 +
 +
― Ինչ է, իսկապե՞ս պարենի պակաս կա այստեղ։
 +
 +
― Անձամբ ինքս ոչ մի անգամ կուշտ ու կուռ չեմ կերել, բայց ես լավ ուտող եմ և, պետք է ասել, որ երբեք սոված չեմ մնացել։ Ճաշերը բանի պետք չեն։ Առաջավոր գծում լավ են կերակրում, իսկ մեզ մոտ, պաշտոնական դիրքերում՝ ոչ այնքան։ Ինչ֊որ տեղ ինչ֊որ բան սխալ է։ Պետք է առատ լիներ ուտելիքը։
 +
 +
― Սպեկուլյանտները սև շուկայում են ուտելիքը վաճառում։
 +
 +
― Այո, առաջավոր գծի գումարտակներին ինչքան հնարավոր է տալիս են, իսկ թիկունքին մոտ եղողները միշտ էլ նեղության մեջ են։ Ավստրիացիների կարտոֆիլներն ու անտառի շագանակները արդեն վաղուց ենք կերել։ Պետք է մի քիչ ավելի կարգին կերակրեն։ Բոլորս էլ լավ ուտողներ ենք։ Ես վստահ եմ, որ շատ պարեն ունենք։ Վատ է, երբ զինվորները քիչ են ուտում։ Չե՞ք նկատել, թե դա ինչպես է ազդում մտածելակերպի վրա։
 +
 +
― Այո, ― ասացի ես։ ― Դա հաղթանակ չի բերի, բայց պարտություն կարող է բերել։
 +
 +
― Պետք չէ պարտության մասին խոսել։ Առանց այդ էլ պարտության մասին շատ են խոսում։ Չի կարող պատահել, որ այն ամենն, ինչ կատարվեց ամռանը, իզուր է անցել։
 +
 +
Չպատասխանեցի։ Ինձ միշտ էլ շփոթեցրել են «սրբազան, փառավոր զոհ» բառերը և «իզուր» արտահայտությունը։ Երբեմն, անձրևի տակ կանգնած, մենք այդ խոսքերն այնպիսի հեռավորությունից ենք լսել, որ միայն առանձին պատառիկներ են հասել մեր ականջներին, նաև կարդացել ենք պլակատներում, որոնք աֆիշ փակցնողները հաճախ ծեփում էին ուրիշ պլակատների վրա։
 +
 +
Բայց ես սրբազան ոչինչ չեմ տեսել, և այն, ինչ համարվում էր փառավոր, փառքի արժանի չէր բնավ, իսկ զոհերը հիշեցնում էին Չիկագոյի սպանդանոցները, միայն այն տարբերությամբ, որ միսն այստեղ հողի տակ էին թաղում։ Շատ բառեր լսել անգամ չէր լինում, և ի վերջո արդյունքն այն եղավ, որ միայն տեղանունները պահեցին իրենց արժանապատվությունը։ Ինչպես նաև մի քանի թվական ու մի տարեթիվ։ Միայն դրանք ու տեղանուններն արտասանելով դեռևս կարելի էր ինչ֊որ իմաստ արտահայտել։ Գյուղերի որոշակի անունների, գնդերի համարների ու տարեթվերի կողքին անվայել էր դնել այնպիսի վերացական բառեր, ինչպիսիք են «փառք, պատիվ, սխրագործություն» կամ «սրբություն»։ Ջինոն հայրենասեր էր, դրա համար էլ նրա խոսքերը երբեմն անջրպետ էին գոյացնում մեր միջև, բայց միաժամանակ նա լավ տղա էր, ու ես հասկանում էի նրա հայրենասիրությունը։ Դա նրա հետ էր ծնվել։ Նա Պեդուցիի հետ մեքենա նստեց ու գնաց Գորիցա։
 +
 +
Ամբողջ օրը փոթորիկ էր։ Քամին քշում֊տանում էր անձրևաջուրը։ Ամենուրեք՝ ջրափոսեր ու ցեխ։ Ավերված տների ծեփը մոխրագույն էր և թաց։ Երեկոյան դեմ անձրևը դադարեց և համար երկու պահակետից ես տեսա աշնանային թաց և մերկ հողը, բլուրների գագաթներին նստած ամպերը և ճանապարհը քողարկող ծղոտե թաց պահպանակները, որոնցից ջուր էր կաթում։ Մինչև մայր մտնելը, արևը մի անգամ դուրս եկավ ու լուսավորեց լեռնաշարքի անտառները։ Անտառներում ավստրիական շատ հրետանիներ կային, բայց մի քանիսն էին միայն կրակում։ Նայում  էի, թե ինչպես էր հանկարծ շրապնելի ծուխը քուլա֊քուլա երկինք բարձրանում ավերված ֆերմայից, որտեղից ճակատի գիծն էր անցնում․ խիտ քուլաներ, մեջտեղում՝ դեղնասպիտակ բռնկումներով։ Նախ բռնկումն էր երևում, հետո լսվում էր ճայթյուն, հետո ծխի գունդը գալարվում էր ու նոսրանում քամուց։ Մեծ թվով շրապնելային գնդակներ էին թափված ավերակների ու քանդված տանը կից ճանապարհի վրա, որտեղ մի պահակետ կար, բայց այդ երեկո պահակետի վրա չէին կրակում։ Բեռնեցինք երկու մեքենա ու գնացինք թաց պահպանակների միջով, որոնց արանքներից թափանցում էին արևի վերջին ճառագայթները։ Երբ դուրս եկանք բաց ճանապարհ, արևն արդեն մայր էր մտել։ Գնացինք բաց ճանապարհով և երբ անցանք շրջադարձը ու նորից մտանք ծղոտե թունելի քառակուսի կամարների տակ, դարձյալ սկսեց անձրև տեղալ։
 +
 +
Գիշերը քամին սաստկացավ և, առավոտվա ժամը երեքին, տեղատարափի տակ սկսեցին ռմբակոծել, ու խորվաթներն անցան լեռնային մարգագետիններն ու անտառները և դուրս եկան ուղիղ մեր դիրքերի վրա։ Նրանք կռվում էին խավարի մեջ և անձրևի տակ, ու երկրորդ գծի զինվորները վախից հակահարձակման անցան ու ետ քշեցին նրանց։ Արկերը պայթում էին, անձրևի տակ թռչում էին հրթիռները և ամբողջ ճակատով մեկ լսվում էին գնդացիրների ու հրացանների կրակոցները։ Նրանք այլևս հարձակվելու փորձ չարեցին, և հիմա չորս կողմը լռություն էր, և հեռավոր հյուսիսից, քամու ու անձրևի պոռթկումների միջև, մենք լսում էինք թնդանոթաձգության դղրդյունները։
 +
 +
Վիրավորներ էին գալիս պահակետ․ ոմանք՝ անձամբ, ոմանց բերում էին պատգարակներով, իսկ ոմանց էլ՝ ուսերին շալակած, բերում էին դաշտից վերադարձող զինվորները։ Բոլորն թրջված էին մինչև ոսկորները և վախեցած։ Երկու մեքենայի մեջ տեղավորեցինք ամենածանր վիրավորներին, որոնք պառկած էին տան նկուղում՝ պահակետում, ու երբ ես ծածկեցի երկրորդ մեքենայի դուռը ու փակեցի սողնակը, զգացի, թե ինչպես անձրևը դեմքիս վրա փոխվեց ձյունի։ Ձյան խիտ և ծանր կաթիլները թափվում էին անձրևի հետ միասին։
 +
 +
Լուսաբացին փոթորիկը շարունակվում էր, բայց ձյունը դադարել էր։ Նա հալչում էր թաց գետնի վրա, ու հիմա նորից անձրև էր գալիս։ Լուսաբացից անմիջապես հետո դարձյալ մի հարձակում եղավ, բայց՝ անհաջող։ Ամբողջ օրը նոր հարձակման էինք սպասում, սակայն մինչև մայրամուտ ոչինչ չպատահեց։ Ռմբակոծությունն սկսվեց հարավից, անտառապատ երկար լեռնաշարքի կողմից, որտեղ կենտրոնացած էր ավստրիական ողջ հրետանին։ Մենք էլ էինք սպասում, որ կռմբակոծեն, բայց այդպիսի բան չեղավ։ Մթնում էր։ Մեր թնդանոթները կրակում էին գյուղի մոտակա դաշտից, և արկերի սուլոցները մի տեսակ հանգստացնում էին մեզ։
 +
 +
Իմացանք, որ հարավի հարձակումն անհաջող էր անցել։ Այդ գիշեր հարձակում չեղավ, բայց իմացանք, որ հյուսիսում ճեղքել են ճակատը։ Գիշերը լուրեր էին պտտվում, որ իբր թե նահանջի ենք պատրաստվում։ Այդ բանն ինձ ասաց պահակետի կապիտանը։ Նա էլ բրիգադի շտաբից էր լսել։ Նա գնաց զանգահարելու և քիչ անց վերադարձավ ու ասաց, որ ամեն ինչ սուտ է։ Շտաբը հրաման էր ստացել, որ ինչ գնով էլ լինի, պետք է պահել Բարինզիցայի դիրքերը։ Հարցրի ճակատը ճեղքելու մասին, և նա ասաց, որ ըստ շտաբում լսած խոսակցությունների, ավստրիացիներն իբր թե ջարդել են քսանյոթերորդ բանակի զորամասերին և Կապորետոյի ուղղությամբ ճեղքել ճակատը։ Երեկ ամբողջ օրը հյուսիսում կատաղի մարտեր էին մղվում։
 +
 +
― Եթե այդ շան որդիները նրանց բաց թողնեն, մենք կորած ենք, ― ասաց նա։
 +
 +
― Գերմանացիներն էլ են հարձակվում, ― ասաց բժիշկներից մեկը։
 +
 +
«Գերմանացի» բառը վախ էր ներշնչում։ Մենք ոչ մի կերպ չէինք ուզում գերմանացիների հետ գործ ունենալ։
 +
 +
― Այնտեղ տասնհինգ գերմանական դիվիզիաներ կան, ― ասաց բժիշկը։ ― Նրանք արդեն ճեղքել են ճակատը, և մենք կտրվել ենք ամեն ինչից։
 +
 +
― Շտաբում ասում են, թե պետք է պահենք մեր դիրքերը։ Ասում են, որ ճեղքվածքն առանձնապես մեծ չէ, և մենք հիմա պետք է լեռների միջով մինչև Մոնտե Մաջորե պահենք ճակատի գիծը։
 +
 +
― Իսկ որտեղի՞ց են ստացել այդ տեղեկությունները։
 +
 +
― Դիվիզիայի շտաբից։
 +
 +
― Նահանջի մասին էլ էին դիվիզիայի շտաբից իմացել։
 +
 +
― Բանակի շտաբն է մեր ղեկավարը, ― ասացի ես։ ― Իսկ այստեղ դուք եք իմ ղեկավարը։ Բնական է, որ եթե կարգադրեք գնալ, ես կգնամ։ Միայն թե որոշեք։
 +
 +
― Հրամանն ասում է, որ պետք է մնաք։ Ձեր պարտականությունն է վիրավորներին տեղափոխել բաշխակայան։
 +
 +
― Երբեմն ստիպված ենք լինում նաև բաշխման կայանից տեղափոխել դաշտային հոսպիտալները, ― ասացի ես։ ― Ասեք, խնդրում եմ, (ես երբեք նահանջ չեմ տեսել), նահանջի ժամանակ ինչպե՞ս են էվակուացնում վիրավորներին։
 +
 +
― Բոլորին չեն էվակուացնում։ Տեղափոխում են այնքան վիրավորների, որքան որ հնարավոր է, իսկ մնացածներին թողնում են։
 +
 +
― Ես ի՞նչ եմ տանելու։
 +
 +
― Հիվանդանոցային սարքեր։
 +
 +
― Պարզ է, ― ասացի ես։
 +
 +
Հաջորդ գիշերն սկսեցինք նահանջել։ Հայտնի դարձավ, որ գերմանացիներն ու ավստրիացիները հյուսիսում ճեղքել են ճակատը և լեռնային հովիտներով շարժվում են դեպի Չիվիդալե և Ուդին։ Նահանջում էինք անձրևի տակ, կազմակերպված ու մռայլ։ Գիշերը դանդաղ առաջ էինք գնում խճողված ճանապարհներով  ու տեսնում, թե ինչպես էին անձրևի տակ քայլում զինվորները, անցնում թնդանոթները, ձիերով լծված սայլակառքերը, ջորիները, բեռնատար ավտոմեքենաները, և այս ամենը հեռանում էին ճակատից։ Նահանջի անկարգությունները առանձնապես չէին տարբերվում առաջխաղացման անկարգություններից։
 +
 +
Այդ գիշեր մենք օգնում էինք, որ պարպեն դաշտային հոսպիտալները, որոնք տեղավորված էին հարթավայրի անվնաս մնացած գյուղերում ու վիրավորներին տեղափոխում էինք Պլավա, իսկ հաջորդ օրը շարունակ վազվզում էինք անձրևի տակ և հոսպիտալներն էվակուացնում Պլավայի բաշխման կայանը։ Համառորեն անձրև էր գալիս և, հոկտեմբերյան անձրևի տակ, Բարինզիցայի բանակն իջնում էր սարահարթից և անցնում գետի այն մասով, որտեղ, այս տարվա գարնանը, առաջին մեծ հաղթանակն էինք տարել։ Հաջորդ օրվա կեսին հասանք Գորիցիա։ Անձրևը դադարեց, և քաղաքը գրեթե դատարկ էր։ Փողոցով անցնելիս տեսանք մի բեռնատար, որտեղ տեղավորվում էին զիվորական պոռնկատան աղջիկներին։ Յոթ աղջիկ էին, և բոլորն էր՝ գլխարկներով ու վերարկուներով, և ամեն մեկի ձեռքին՝ փոքրիկ մի ճամպրուկ։ Նրանցից երկուսը լաց էին լինում։ Երրորդը ժպտաց մեզ, հանեց լեզուն և սկսեց այս ու այն կողմ շարժել։ Հետո, ուռած շուրթեր ուներ ու սև աչքեր։
 +
 +
Կանգնեցրի մեքենան, դուրս եկա ու խոսեցի տիրուհու հետ։ Սպաների պոռնկատան աղջիկները վաղ առավոտյան են գնացել, ասաց նա։ Իսկ իրե՞նք ուր են գնում։ Կոնելյանո, ասաց նա։ Բեռնատարը շարժվեց։ Հաստ շուրթերով աղջիկը նորից լեզու ցույց տվեց մեզ։ Տիրուհին ձեռքով արեց։ Երկու աղջիկները շարունակում էին լաց լինել։ Մյուսները հետաքրքրությամբ դիտում էին քաղաքը։ Ես նորից նստեցի մեքենան։
 +
 +
― Երանի նրանց հետ գնայինք, ― ասաց Բոնելլոն։ ― Ուրախ ճամփորդություն կլիներ։
 +
 +
― Առանց այդ էլ ուրախ կլինի, ― ասացի ես։
 +
 +
― Ի՞նչ ուրախ, դժոխայի՛ն։
 +
 +
― Հենց այդ էլ նկատի ունեի, ― ասացի ես։
 +
 +
Դուրս եկանք մի արահետ, որ տանում էր դեպի մեր առանձնատունը։
 +
 +
― Շատ կուզենայի այնտեղ լինել, երբ այդ անառիկ բալիկները տեղավորվեին ու գործի անցնեին։
 +
 +
― Կարծում եք, որ հենց միանգամից գործի՞ կանցնեն։
 +
 +
― Այն էլ ինչպես։ Երկրորդ բանակում ով ասես չի ճանաչում տիրուհուն։
 +
 +
Մենք արդեն հասել էինք առանձնատանը։
 +
 +
― Նրան կոչում են գերագույն մայրիկ, ― ասաց Բոնելլոն։ ― Աղջիկները նոր են, բայց նրան բոլորն են ճանաչում։ Երևի հենց նահանջից առաջ են բերել նրանց։
 +
 +
― Հիմա կարգին գործ կանեն։
 +
 +
― Ես էլ եմ ասում, որ կարգին գործ կանեն։ Կուզենայի ձրի զվարճանալ նրանց հետ։ Համենայն դեպս, թանկ են վերցնում այդ տեղերում։ Պետությունը պարզապես թալանում է մեզ։
 +
 +
― Լսում եմ, signor tenente։
 +
 +
― Յուղը փոխեք և ստուգեք դիֆերենցիալը։ Բենզին էլ լցրեք։ Իսկ հետո կարող եք մի քիչ քնել։
 +
 +
― Լսում եմ, signor tenente։
 +
 +
Առանձնատունը դատարկ էր։ Ռինալդին գնացել էր հոսպիտալի հետ միասին։ Մայորը շտաբի մեքենայով տարել էր բուժանձնակազմին։ Պատուհանի վրա ինձ համար մի երկտող էր գրված՝ սրահում դարսված սարքավորումները լցնել մեքենան ու տեղափոխել Պորդենոն։ Մեխանիկներն արդեն գնացել էին։ Վերադարձա գարաժ։ Մինչ ես ման էի գալիս առանձնատանը, մյուս երկու մեքենաներն արդեն եկել էին, ու վարորդներն սպասում էին բակում։ Նորից սկսեց անձրև տեղալ։
 +
 +
― Այնքան էի ուզում քնել, որ Պլավայի ճանապարհին երեք անգամ քունս տարավ, ― ասաց Պիանին։ ― Ի՞նչ ենք անելու։
 +
 +
― Յուղը կփոխենք, բենզին կլցնենք, կմոտենանք գլխավոր մուտքին և կբեռնենք մեզ թողնված իրերը։
 +
 +
― Հետո ճամփա՞ կընկնենք։
 +
 +
― Ոչ։ Կարող ենք երեք ժամ քնել։
 +
 +
― Փառք աստծո, գոնե կքնենք մի քիչ, ― ասաց Բոնելլոն։ ― Թե չէ ղեկի մոտ նորից քունս կտաներ։
 +
 +
― Այո՞, ի՞նչ վիճակում է ձեր մեքենան։
 +
 +
― Ամեն ինչ կարգին է։
 +
 +
― Կաշվե բաճկոն տվեք, ես ձեզ կօգնեմ։
 +
 +
― Պետք չէ, tenente, ― ասաց Այմոն։ ― Անելու բան չկա։ Գնացեք հավաքեք ձեր իրերը։
 +
 +
― Իրերս հավաքված են, ― ասացի ես։ ― Գնամ դուրս հանեմ սրահի աղբը։ Որ բենզին լցնեք վերջացնեք, մեքենաները մուտքի մոտ բերեք։
 +
 +
Մեքենաները մոտեցան գլխավոր մուտքին, և սրահում դարսված հոսպիտալի սարքավորումները լցրինք թափքերի մեջ։ Երբ արդեն ամեն ինչ պատրաստ էր, մեքենաները իրար ետև շարվեցին ծառուղում, անձրևի տակ։ Մենք տուն մտանք։
 +
 +
― Խոհանոցում կրակ վառեք և չորացրեք ձեր շորերը, ― ասացի ես։
 +
 +
― Ոչինչ, թող թաց մնան, ― ասաց Պիանին։ ― Քունս տանում է։
 +
 +
― Ես մայորի մահճակալին եմ քնելու, ― ասաց Բոնելլոն։
 +
 +
― Ինձ համար միևնույն է, ― ասաց Պիանին։
 +
 +
― Այստեղ երկու մահճակալ կա։ ― Բացեցի սենյակի դուռը։
 +
 +
― Ես այս սենյակում երբեք չեմ եղել, ― ասաց Բոնելլոն։
 +
 +
― Սա ձեր դրոշի սենյակն է, ― ասաց Պիանին։
 +
 +
― Երկուսդ էլ այստեղ պառկեք, ― ասացի ես։ ― Կարթնացնեմ ձեզ։
 +
 +
― Tenente,  եթե ձեր քունը տանի, մի մտահոգվեք, ավստրիացիները կարթնացնեն մեզ, ― ասաց Բոնելլոն։
 +
 +
― Ժամանակին կարթնանամ, ― ասացի ես։ ― Որտե՞ղ է Այմոն։
 +
 +
― Խոհանոց գնաց։
 +
 +
― Պառկեք քնեք, ― ասացի ես։
 +
 +
― Կպառկեմ, ― Ասաց Պիանին։ ― Ամբողջ օրը նստած եմ քնել։ Քիչ է մնում ճակատս ընկնի, փակի աչքերս։
 +
 +
― Կոշիկներդ հանիր, ― ասաց Բոնելլոն։ ― Դոդոշի անկողինն է դա։
 +
 +
― Թքել եմ դոդշի վրա։
 +
 +
Պիանին պառկեց, ձգեց կեղտոտ կոշիկներով ոտքերը, ձեռքը դրեց գլխի տակ։ Գնացի խոհանոց։ Այմոն կրակ էր վառել և կաթսայիկով ջուր դրել օջախին։
 +
 +
― Մի քիչ սպագետտի եփեմ, ― ասաց նա։ ― Զարթնելուց հետո սոցած կլինենք։
 +
 +
― Իսկ քնել չե՞ս ուզում, Բարտոլոմեո։
 +
 +
― Մի քիչ։ Հենց որ ջուրը եռա, կգնամ։ Կրակն ինքն իրեն կհանգչի։
 +
 +
― Ավելի լավ է քնեք, ― ասացի ես։ ― Պանիր ու պահածո էլ կարելի է ուտել։
 +
 +
― Սպագետտին ավելի լավ է, ― ասաց նա։ ― Տաք ճաշը ուժ կտա այդ երկու անարխիստներին։ Իսկ դուք գնացեք քնեք։
 +
 +
― Մայորի սենյակում անկողին կա։
 +
 +
― Հենց այնտեղ էլ քնեք։
 +
 +
― Ոչ, ես կգնամ իմ նախկին սենյակը։ Խմել չե՞ք ուզում, Բարտոլոմեո։
 +
 +
― Երբ որ ճամփա ընկնենք, tenente։ Հիմա ինչի՞ս է պետք։
 +
 +
― Եթե երեք ժամից արթնանաք, ու ես քնած լինեմ, արթնացրեք ինձ, լա՞վ։
 +
 +
― Ժամացույց չունեմ։
 +
 +
― Մայորի սենյակում պատի ժամացույց կա։
 +
 +
― Լավ։
 +
 +
Անցա ճաշարանի ու նախասրահի միջով և մարմարե աստիճաններով բարձրացա այն սենյակը, որտեղ մի ժամանակ ապրում էինք ես ու Ռինալդին։ Անձրև էր գալիս։ Մոտեցա պատուհանին ու դուրս նայեցի։ Արդեն մթնում էր, ու մթության մեջ ես նշմարեցի ծառերի տակ իրար ետև կանգնած երեք մեքենաները։ Ծառերից ջուր էր կաթում։ Ցուրտ էր, և կաթիլները կախվում էին ճյուղերից։ Պառկեցի Ռինալդիի մահճակալին ու թողեցի, որ քունը հաղթի ինձ։
 +
 +
Ճամփա ընկնելուց առաջ մենք խոհանոց մտանք ու կերանք։ Այմոն սոխով սպագետտի էր պատրաստել ու պահածո  մսի կտորներ լցրել վրան։ Նստեցինք սեղանի շուրջը և մառանում մնացած գինիներից երկու շիշ խմեցինք։ Արդեն լրիվ մութ էր, և դեռ անձրև էր գալիս։ Պիանին նստել էր քնատ աչքերով։
 +
 +
― Նահանջն ինձ ավելի է դուր գալիս, քան առաջխաղացումը, ― ասաց Բոննելոն։ ― Նահանջի ժամանակ բարբերա ենք խմում։
 +
 +
― Հիմա ենք խմում։ Իսկ վաղը կարող է անձրևաջուր խմենք, ― ասաց Այմոն։
 +
 +
― Վաղը Ուդինում կլինենք։ Շամպայն ենք խմելու։ Անբաններ են այնտեղ ապրում։ Արթնացիր, Պիանի։ Վաղը Ուդինում շամպայն ենք խմելու։
 +
 +
― Ես արթուն եմ, ― ասաց Պիանին։ Պնակի մեջ սպագետտի ու միս լցրեց։ ― Տոմատի սոուսն է պակաս, Բարտո։
 +
 +
― Չկարողացա ճարել, ― ասաց Այմոն։
 +
 +
― Ուդինում շամպայն ենք խմելու, ― ասաց Բոնելլոն։
 +
 +
Նա բաժակի մեջ կարմիր, թափանցիկ բարբերա լցրեց։
 +
 +
― Կո՞ւշտ եք, tenente, ― հարցրեց Այմոն։
 +
 +
― Իհարկե։ Տվեք շիշը, Բարտոլոմեո։
 +
 +
― Մեքենայում մի֊մի շիշ էլ կա բոլորիս համար, ― ասաց Այմոն։
 +
 +
― Դուք բնավ չե՞ք քնել։
 +
 +
― Չեմ սիրում երկար քնել։ Մի քիչ քնեցի։
 +
 +
― Վաղը թագավորի անկողնում ենք պառկելու, ― ասաց Բոնելլոն։ Տրամադրությունը շատ բարձր էր։
 +
 +
― Ես թագուհու հետ եմ պառկելու, ― ասաց Բոնելլոն։ Նայեց ինձ, որպեսզի տեսնի, թե ինչպես եմ ընդունում նրա կատակները։
 +
 +
― Լռեք, ― ասացի ես։ ― Երկու կաթիլ բան խմեցիք, սանձներդ բաց թողեցիք։
 +
 +
Դրսում սաստիկ անձրև էր գալիս։ Նայեցի ժամացույցին։ Ինն անց կես էր։
 +
 +
― Ժամանակն է, ― ասացի ես ու վեր կացա։
 +
 +
― Ո՞ւմ հետ եք գնալու, tenente, ― հարցրեց Բոնելլոն։
 +
 +
― Այմոյի։ Հետո՝ դուք։ Հետո՝ Պիանին։ Կորմոնսի ճամփով կգնաք։
 +
 +
― Վախենում եմ քունս տանի, ― ասաց Պիանին։
 +
 +
― Լավ, ես ձեզ հետ կգամ։ Հետո՝ Բոնելլոն։ Հետո՝ Այմոն։
 +
 +
― Այ, դա ամենահարմարն է, ― ասաց Պիանին, ― որովհետև քունս շատ է տանում։
 +
 +
― Ես կքշեմ, իսկ դուք մի քիչ կքնեք։
 +
 +
― Ոչ։ Ես կարող եմ քշել՝ քանի դեռ գիտեմ, որ եթե քունս տանի, ինձ կարթնացնեք։
 +
 +
― Կարթնացնեմ։ Լույսը հանգցրեք, Բարտո։
 +
 +
― Թող մնա, ինչո՞վ է խանգարում, ― ասաց Բոնելլոն։ ― Չե՞ք օգնի, որ իջեցնենք, Պիանի։
 +
 +
― Հիմա կբերեմ, ― ասաց Պիանին։ ― Ալդո, գնացինք։
 +
 +
Բոնելլոն ու նա դուրս եկան խոհանոցից։ Լսեցի, թե ինչպես էին բարձրանում աստիճաններով։
 +
 +
― Լավ տեղ էր, ― Բարտոլոմեոն ասաց Այմոյին։
 +
 +
Նա իր զինվորական պարկի մեջ երկու շիշ գինի ու կես գլուխ պանիր դրեց։ ― Էլ այսպիսի քաղաք չենք տեսնի։ Ո՞ւր ենք նահանջում, tenente:
 +
 +
― Ասում են՝ Տալյամենտոյից այն կողմ։ ― Հոսպիտալն ու շտաբը Պորդենոյում են լինելու։
 +
 +
― Սա Պորդենոնից լավ քաղաք է։
 +
 +
― Պորդենոնում չեմ եղել, ― ասացի ես։ ― Միայն անցել եմ։
 +
 +
― Առանձնապես մի բան չէ, ― ասաց Այմոն։
 +
 +
 +
==Գլուխ 28==
 +
 +
 +
Երբ Գորիցիայից դուրս էինք գալիս, քաղաքն անձրևի տակ մութ էր ու դատարկ, միայն զորասյուներն ու թնդանոթներն էին անցնում գլխավոր փողոցով։ Իսկ բեռնատար մեքենաներն ու սայլակառքերը գնում էին ուրիշ փողոցներով ու միանում խճուղու վրա։ Անցանք աղարանն ու դուրս եկանք խճուղի, որտեղ լայն շարասյունով դանդաղ շարժվում էին զինվորները, բեռնատար մեքենաները, ձիերով լծված սայլակառքերն ու թնադանոթները։ Դանդաղ, բայց առանց դադարի, մենք գնում էինք անձրևի տակ և ռադիատորով գրեթե կպչում էինք թաց բրեզենտով ծածկված ու բեռնավորված մեքենայի ետնամասին։ Հանկարծ բեռնատարը կանգ առավ։ Շարասյունը ևս կանգնեց։ Հետո մեքենան շարժվեց, մենք էլ մի փոքր առաջ անցնաք և նորից կանգ առանք։ Ես իջա խցիկից և, անցնելով բեռնատարների, սայլակառքերի ու ձիերի թաց վզերի արանքներով, առաջ գնացի։ Խցանում էր գոյացել։ Դուրս եկա ճանապարհից, փայտե կամրջակով անցա առուն ու քայլեցի դաշտով։ Փոքր֊ինչ հեռանալուց հետո, ծառերի արանքներից անընդհատ տեսնում էի անձրևի տակ անշարժ կանգնած շարասյունը։ Մոտ մեկ մղոն քայլեցի։ Շարասյունը չէր շարժվում, թեև մեքենաների ետևից երևում էր, թե ինչպես էին զինվորներն առաջ քայլում։ Վերադարձա նույն ճանպարհով։ Գուցե խցանումը հենց Ուդինի մոտ էր գոյացել։ Պիանին քնել էր ղեկի վրա։ Նստեցի կողքին ու ես էլ քնեցի։ Մի քանի ժամ անց լսեցի դիմացի բեռնատարի մոտորի աղմուկը։ Արթնացրի Պիանիին, ու մենք ճամփա ընկանք, մերթ մի քանի յարդ գնալով, մերթ կանգնելով, մերթ նորից շարժվելով։ Անձրև էր գալիս դեռ։
 +
 +
Գիշերը շարասյունը նորից կանգ առավ ու այդպես էլ մնաց։ Իջա ու գնացի Բոնելլոյին ու Այմոյին տեսնելու։ Բոնելլոյի կողքին նստել էին սերժանտի կոչումով երկու ինժեներ։ Երբ մոտեցա, նրանք ձգվեցին։
 +
 +
― Սրանք մնացել են, որ երկու կամուրջ վերանորոգեն, ― ասաց Բոնելլոն։ ― Իսկ հիմա չեն կարողանում իրենց զորամասը գտնել։ Դրա համար էլ թողեցի, որ նստեն։
 +
 +
― Եթե պարոն լեյտենանտը թույլ տա։
 +
 +
― Թույլ եմ տալիս, ― ասացի ես։
 +
 +
― Լեյտենանտն ամերիկացի է, ― ասաց Բոնելլոն։ ― Նա բոլորին էլ թույլ կտա։
 +
 +
Սերժանտներից մեկը ժպտաց։ Մյուսը հարցրեց Բոնելլոյին՝ հյուսիսամերիկյա՞ն, թե՞ հարավամերիկյան իտալացի եմ ես։
 +
 +
― Նա իտալացի չէ։ Հյուսիսային ամերիկայի անգլիացիներից է։
 +
 +
Սերժանտները քաղաքավարությամբ լռեցին, բայց չհավատացին։ Ես նրանց թողեցի ու գնացի Այմոյի մոտ։ Նրա կողքին երկու աղջիկներ էին նստած, իսկ նա, անկյունին հենված, ծխում էր։
 +
 +
― Բարտ, Բարտո, ― ասացի ես։
 +
 +
Նա ծիծաղեց։
 +
 +
― Խոսեք հետները, tenente, ― ասաց նա։ ― Ես նրանց չեմ հասկանում։ Հե՛յ։ ― Նա ձեռքը դրեց աղջիկներից մեկի ազդրին ու բարեկամաբար սեղմեց։ Աղջիկը ավելի ամուր փաթաթեց շալը ու հեռացրեց նրա ձեռքը։ ― Հե՛յ, ― ասաց Այմոն։ ― Tenente, հարցրեք՝ դրա անունն ի՞նչ է և ի՞նչ է անում այստեղ։
 +
 +
Աղջիկը կատաղի հայացքով նայեց ինձ։ Մյուսը խոնարհել էր աչքերը։ Նա, ով ինձ էր նայում, բարբառով ինչ֊որ բան ասաց, բայց ես ոչինչ չհասկացա։ Նա թմփլիկ էր, թուխ, մոտ տասնվեց տարեկան։
 +
 +
― Sorella?,<ref>Քո՞ւյրդ է (իտ․)։</ref> ― հարցրի ես, ցույց տալով մյուս աղջկան։
 +
 +
Նա գլխով արեց ու ժպտաց։
 +
 +
― Դե լավ, ― ասացի ես ու թփթփացրի նրա ծնկին։
 +
 +
Զգացի, թե նա ինչպես կուչ եկավ, երբ կպա նրան։ Քույրը, առաջվա պես խոնարհել էր աչքերը։ Մոտ մի տարով փոքր էր երևում մյուսից։ Այմոն նորից ձեռքը դրեց մեծ քրոջ ազդրին, ու նա հեռացրեց այն։ Այմոն ծիծաղեց։
 +
 +
― Լավ մարդ։ ― Նա ցույց տվեց իրեն։ ― Լավ մարդ։ ― Ցույց տվեց ինձ։ ― Մի վախեցեք։
 +
 +
Աղջիկը կատաղի հայացքով էր նրան նայում։ Նրանք նման էին երկու վայրի թռչունների։
 +
 +
― Ինչո՞ւ նստեց, եթե ինձ չէր հավատում, ― հարցրեց Այմոն։ ― Հենց որ ձեռքով կանչեցի, եկան նստեցին։ ― Նա դարձավ աղջկան։ ― Մի վախենա, ― ասաց նա։ ― Քեզ ոչ ոք․․․ ու մի կոպիտ խոսք ասաց։ ― Տեղ չկա, որ․․․ ― նկատեցի, որ նա միայն այդ բառը հասկացավ և ուրիշ ոչինչ։ Աչքերում խոր վախ կար։ Նա ավելի ամուր փաթաթվեց շալով։ ― Մեքենան լիքն է, ― ասաց Այմոն։ ― Քեզ ոչ ոք․․․ Տեղ էլ չկա որ․․․
 +
 +
Ամեն անգամ, այդ բառը լսելիս, աղջիկը կծկվում էր։ Հետո, այդպես կծկվելով ու շարունակելով նրան նայել, աղջիկը լաց եղավ։ Տեսա, թե ինչպես շրթունքները դողացին, և արցունքները հոսեցին գիրուկ այտերից։ Քույրը, առանց աչքերը բարձրացնելու, բռնեց նրա ձեռքն, ու նրանք այդպես նստեցին։ Մեծ քույրը, որն այդքան կատաղի էր մի քիչ առաջ, հիմա բարձրաձայն հեկեկում էր։
 +
 +
― Երևի վախեցրի, ― ասաց Այմոն։ ― Ես չէի ուզում նրան վախցնել։
 +
 +
Բարտոլոմեոն հանեց իր զինվորական պարկը ու երկու կտոր պանիր կտրեց։
 +
 +
― Վերցրու, ― ասաց նա, ― մի լացիր։
 +
 +
Մեծ քույրը բացասաբար շարժեց գլուխը և շարունակեց արտասվել, բայց փոքրը վերցրեց պանիրն ու սկսեց ուտել։ Քիչ անց երկրորդ կտորը տվեց քրոջը, ու նրանք լուռ կերան։ Մեծ քույրը դեռ մերթ ընդ մերթ հեծկլտում էր։
 +
 +
― Ոչինչ, շուտով կհանգստանա, ― ասաց Այմոն։
 +
 +
Հանկարծ մի միտք հղացավ։
 +
 +
― Կո՞ւյս ես, ― հարցրեց նա իր կողքինին։ Աղջիկը եռանդով գլխով արեց։ ― Դո՞ւ էլ ես կույս, ― Այմոն ցույց տվեց մյուս քրոջը։ Երկուսն էլ գլխով արեցին, ու մեծն ինչ֊որ բան ասաց բարբառով։
 +
 +
― Դե լավ, լավ, ― ասաց Բարտոլոմեոն։ ― Լավ։
 +
 +
Աղջիկները կարծես մի քիչ քաջալերվեցին։
 +
 +
Ես նրանց թողեցի Այոմոյի հետ, որը նստել էր անկյունին հենված, ու վերադարձա Պիանիի մոտ։ Տրանսպորտի շարասյունը անշարժ կանգնած էր, բայց կողքերից անընդհատ զինվորներ էին անցնում։ Դեռ անձրև էր գալիս, ու ես մտածում էի, թե երբեմն երթևեկության խցանման պատճառը երևի այն էր, որ մեքենաների լարերը հաճախ թրջվում էին։ Կամ, ավելի ճիշտ՝ ձիերն ու մարդիկ քնում էին ճանապարհին։ Բայց չէ՞ որ խցանումներ են լինում նաև քաղաքում, ուր բոլորն էլ արթուն են։ Բանն այն է, որ այստեղ պատճառը թե մեկն էր, թե մյուսը։ Այս համակցությունը չէր կարող օգուտ տալ։ Գյուղական սայլերից ընդհանրապես օգուտ չկա։ Սքանչելի էին Բարտոյի աղջիկները։ Նահանջը կույս աղջիկների համար չի ստեղծված։ Իսկական կույս աղջիկներ։ Գուցե նաև շատ կրոնասեր։ Եթե պատերազմ չլիներ, երևի բոլորս էլ հիմա անկողնում պառկած լինեինք։ Գլուխս նորից կդնեմ իմ անկողնուն։ Ամուսնական կյանք։ Փայտե մահճակալի պես կարծր։ Կետրինը հիմա անկողնում է, երկու սավանով, մեկը տակը, մեկը վրան։ Ո՞ր կողքին է արդյոք քնած։ Գուցե չի քնած, գուցե, պառկած իմ մասի՞ն է մտածում։ Փչի՛ր, փչի՛ր, արևմտյան քամի։ Ահա և փչեց, ու ամպերից ոչ թե քիչ, այլ շատ անձրև տեղաց։ Ամբողջ գիշերն անձրև տեղաց։ Դու գիտեիր, որ ամբողջ գիշերն անձրև էր տեղալու։ Տես ինչպե՜ս է թափվում։ Աստված իմ, հիմա բազուկներիս մեջ լիներ սերս, իսկ ես՝ նորից լինեի իմ անկողնում։ Ե՞րբ, ե՞րբ, իմ լավ Կետրին։ Իմ սերը, իմ Կետրինն էլ թող գա անձրևի հետ։ Քամի, բե՛ր իմ Կետրինին։ Եվ ահա մենք էլ ընկանք քամու բերանը։ Բոլոլո՛րն էլ ընկան։ Անձրևը չի՛ մեղմացնի, չի կանգնեցնի նրան։ Բարի գիշեր, Կետրին, բարձրաձայն ասացի ես։ Անուշ քուն մտիր։ Եթե այսպես շատ անհարմար է, մյուս կողմ շրջվիր, սիրելիս, ասացի ես։ Ես քեզ սառը ջուր կբերեմ։ Շուտով կլուսանա, և դու կհանգստանաս մի քիչ։ Վշտանում եմ, որ նա քեզ նեղություն է տալիս։ Փորձիր քնել, իմ լավ Կետրին։
 +
 +
Ես միշտ էլ քնած էի, ասաց նա։ Դու երազի մեջ էիր խոսում։ Չլինի՞ վատ ես զգում։
 +
 +
Դու իսկապե՞ս այստեղ ես։
 +
 +
Իհարկե չեմ հեռանա։ Միշտ այստեղ եմ։ Երբ էլ որ կանչես, ոչ մի նշանակություն չունի  մեզ համար։
 +
 +
Դու այնքան լավն ես ու գեղեցիկ։ Գիշերը չես հեռանա ինձանից, այնպես չէ՞։
 +
 +
Իհարկե չեմ հեռանա։ Միշտ այստեղ եմ։ Երբ էլ որ կանչես, ես կգամ։
 +
 +
― Ախ ես քո․․․ ― ասաց Պիանին, ― գնացինք։
 +
 +
― Մի քիչ ննջեցի, ― ասացի ես։ Նայեցի ժամացույցին։ Առավոտվա երեքն էր։ Կռացա նստատեղի մեջքի վրա ու մի շիշ բարբերա վերցրի։
 +
 +
― Երազում խոսում էիք, ― ասաց Պիանին։
 +
 +
― Անգլերեն երազ էի տեսնում, ― ասացի ես։
 +
 +
Անձրևը մեղմացավ, ու մենք առաջ էինք շարժվում։ Լուսադեմին նորից կանգ առանք, իսկ երբ արդեն լրիվ լույս էր, պարզվեց, որ գտնվում էինք մի փոքրիկ բարձրունքի վրա, ու ես տեսա նահանջի ամբողջ ճանապարհը, որը ձգվում էր շատ հեռու, անշարժ մեքենաները, որոնց արանքներից միայն հետևակն էր մաղվում։ Նորից ճամփա ընկանք, բայց առավոտյան լույսի տակ արդեն կարելի էր որոշակի տեսնել, թե ինչ արագությամբ էինք շարժվում, ու ես հասկացա, որ եթե ուզում ենք երբևէ Ուդին հասնել, ապա հարկ կլինի դուրս գալ խճուղուց ու դաշտով գնալ։
 +
 +
Գիշերը միջգյուղյա ճանապարհներից մեծ թվով գյուղացիներ էին խառնվել շարասյանը, և հիմա շարասյան մեջ էին մտել նաև տնային իրերով բեռնավորված սայլերը․ ներքնակների միջև հայելիներ էին ցցված, հավեր և  բադեր էին կապված ետևի ճաղերին։ Առջևից գնացող սայլի վրա կարի մի մեքենա կար, որ մնացել էր անձրևի տակ։ Ամեն մարդ փրկում էր իր ամենաթանկարժեք իրերը։ Կանանցից ոմանք նստել էին սայլերի վրա և, անձրևից պաշտպանվելու համար, ծածկել գլուխները, ոմանք էլ քայլում էին, աշխատելով հնարավորին չափ մոտ լինել սայլին։ Շարասյան մեջ շներ էլ կային, որոնք վազում էին սայլերի տակ թաքնված։ Խճուղին ցեխով էր ծածկվել, առուները հեղեղվել էին ջրից, և խճուղին եզրապատած ծառերից այն կողմ երևացող հողը շա՛տ էր թաց ու շա՛տ էր կպչուն, ու հազիվ թե հնարավոր լիներ դաշտի միջով գնալ։ Դուրս եկա մեքենայից, քայլեցի մի քիչ ու մի հարմար տեղ փնտրեցի, որպեսզի կարողանայի շուրջս դիտել ու դաշտամիջյան ճանապարհ գտնել։ Դաշտամիջյան շատ ճամփաներ կային, բայց վախենում էի՝ հանկարծ այնպիսի ճանապարհի վրա ընկնենք, որ ոչ մի տեղ էլ չտանի։ Խճուղով անցնելիս հաճախ էի տեսել այդ ճամփաները, բայց ոչ մեկն էլ չէի հիշում, որովհետև մեքենան արագ էր ընթանում, և բոլոր ճամփաներն էլ նման էին իրար։ Միայն մի բան գիտեի․ անհրաժեշտ էր գտնել մի ճանապարհ, որը մեզ տեղ հասցներ։ Հայտնի չէր, թե որտեղ էին հիմա ավստրիացիները և ընդհանրապես ինչպես էին գործերը, բայց վստահ էի, որ եթե անձրևը դադարեր ու շարասյան վերևում հանկարծ ինքնաթիռներ երևային, ամեն ինչ կորած էր։ Բավական էր, որ թեկուզ մի քանի մեքենա առանց վարորդի մնային կամ մի քանի ձիեր սպանվեին, և ճանապարհը լրիվ կխցանվեր։
 +
 +
Հիմա անձրևն այնքան էլ ուժեղ չէր գալիս, ու ես մտածում էի, թե երկինքը շուտով կբացվի։ Մի քիչ էլ քայլեցի, հասա մինչև ծառերով եզրապատված նեղ ճանապարհը, որ ընկած էր երկու դաշտերի միջև ու տանում էր դեպի հյուսիս։ Որոշեցի, որ հենց այդ ճամփով էլ կգնանք և արագ վերադարձա։ Ասացի Պիանիին, թե որտեղից պետք է շրջվել, հետո գնացի Բոնելլային ու Այմոյին զգուշացնելու։
 +
 +
― Եթե այս ճամփան մեզ ոչ մի տեղ չտանի, կարող ենք վերադառնալ և նորից միանալ շարասյանը, ― ասացի ես։
 +
 +
― Իսկ սրա՞նց ինչ անեմ, ― հարցեց Բոնելլոն։
 +
 +
Սերժանտները դեռ նստած էին կողքին։ Չէին սափրված, բայց նույնիսկ այդ վաղ ժամին զինվորական տեսք ունեին։
 +
 +
― Պետք կգան մեքենան հրելու համար, ― ասացի ես։
 +
 +
Մոտեցա Այմոյին և ասացի, որ փորձելու ենք դաշտամիջյան ճանապարհով գնալ։
 +
 +
― Իսկ իմ կույսերի ընտանի՞քը, ― հարցրեց Այմոն։
 +
 +
Աղջիկնեը քնած էին։
 +
 +
― Նրանցից օգուտ չկա, ― ասացի ես։ ― Պետք է այնպիսի մարդկանց վերցրած լինեիք, որ կարողանային մեքենա հրել։
 +
 +
― Թող թափքում նստեն, ― ասաց Այմոն։ ― Թափքում տեղ կա։
 +
 +
― Դե լավ, ինչպես ուզում եք, ― ասացի ես։ ― Բայց լայնաթիկունք մի մարդու ճարեք, որ հրի մեքենան։
 +
 +
― Բերսալյեր չվերցնե՞մ, ― ժպտաց Այմոն։ ― Նրանք են ամենալայնաթիկունքները։ Նախօրոք չափում են նրանց ուսերը։ Ինչպե՞ս եք, tenente։
 +
 +
― Լավ։ Իսկ դո՞ւք։
 +
 +
― Ես էլ լավ եմ։ Բայց շատ քաղցած եմ։
 +
 +
― Եթե ճամփին մի տեղ հասնենք, կիջնենք կուտենք։
 +
 +
― Ինչպե՞ս է ձեր ոտքը, tenente․
 +
 +
― Լավ է, ― ասացի ես։
 +
 +
Ոտնակին կանգնած, նայում էի առաջ ու տեսնում, թե ինչպես Պիանիի մեքենան անջատվեց շարասյունից ու շրջվեց դեպի դաշտամիջյան նեղ ճանապարհը ու սկսեց երբեմն երևալ մերկ ճյուղերի արանքից։ Բոնելլոն ևս հետևեց նրան, հետո նաև՝ Այմոն, ու հիմա մենք գնում էինք երկու կողմից ցանկապատված դաշտամիջյան նեղ ճանապարհով, սանիտարական մյուս մեքենաների ետևից։ Ճանապարհը տանում էր դեպի ագարակ։ Պիանիիի ու Բոնելլոյի մեքենաներն արդեն ագարակի բակում էին։ Ցածրիկ, երկարավուն մի տուն, դռան առջև՝ խաղողի վանդակահյուսք։ Բակում ջրհոր կար, և Պիանին ջուր էր վերցնում ռադիատորի համար։ Ջուրը երկար ճանապարհից ու դանդաղ ընթացքից եռացել էր։ Ագարակը լքված էր։ Ետ նայեցի։ Ագարակը գտնվում էր բարձրունքի վրա և այնտեղից երևում էր ամբողջ շրջապատը, և մենք տեսանք ճանապարհը, ցանկապատները, դաշտերը և խճուղին եզրապատած ծառերը, որոնց մեջտեղով գնում էր նահանջող շարասյունը։ Սերժանտները պրպտում էին տունը, ջրհորը, տան առջև կանգնած երեք վարորդներին։ Սերժանտներից մեկը, պատի մի ժամացույց բռնած, դուրս եկավ տնից։
 +
 +
― Ետ տարեք, ― ասացի ես։
 +
 +
Նա նայեց ինձ, տուն մտավ ու վերադարձավ առանց ժամացույցի։
 +
 +
― Որտե՞ղ է ձեր ընկերը, ― հարցրի ես։
 +
 +
― Զուգարան գնաց։
 +
 +
Նա նստեց մեքենայի խցիկը։ Վախենում էր, որ իրեն չենք տանի մեզ հետ։
 +
 +
― Չնախաճաշե՞նք, tenente, ― հարցրեց Բոնելլոն։ ― Գուցե մի բան ուտենք։ Երկար չի տևի։
 +
 +
― Ի՞նչ եք կարծում, այս ճանապարհը մեզ որևէ տեղ կհասցնի՞։
 +
 +
― Անպայման։
 +
 +
― Դե լավ։ Եկեք ուտենք։
 +
 +
Պիանին և Բոնելլոն տուն մտան։
 +
 +
― Գնանք, ― Այմոն ասաց աղջիկներին։
 +
 +
Նա մեկնեց ձեռքը, որպեսզի օգնի նրանց։ Մեծ քույրը բացասաբար շարժեց գլուխը։ Նրանք չեն մտնի այս դատարկ և լքված տունը։ Հիմա երկուսն էլ նայում էին մեր ետևից։
 +
 +
― Այ թե համար են, հա՜, ― ասաց Այմոն։
 +
 +
Ներս մտանք։ Մութ, ընդարձակ տուն էր և ինչ֊որ լքվածություն էր զգացվում։ Բոնելլոն և Պիանին խոհանոցում էին։
 +
 +
― Առանձնապես բան չկա ուտելու, ― ասաց Պիանին։ ― Ամեն ինչ մաքրել, տարել են։
 +
 +
Բոնելլոն խոհանոցի սեղանի վրա սպիտակ պանիր էր կտրատում։
 +
― Որտեղի՞ց գտաք պանիրը։
 +
 +
― Մառանից։ Պիանին գինի ու խնձոր գտավ։
 +
 +
― Դե, ուրեմն, կարգին նախաճաշ ունենք։
 +
 +
Պիանին հանեց ծղոտապատ մեծ շշի խցանը։ Թեքեց շիշը ու լցրեց պնձյա շերեփը։
 +
 +
― Լավ հոտ ունի, ― ասաց նա։ ― Բաժակներ ճարիր, Բարտո։
 +
 +
Ներս մտան երկու սերժանտները։
 +
 +
― Պանիր վերցրեք, սերժանտներ, ― ասաց Բոնելլոն։
 +
 +
― Գնալու ժամանակն է, ― ասաց նրանցից մեկը, ուտելով պանիրն ու մի բաժակ գինի խմելով։
 +
 +
― Կգնանք։ Մի անհանգստացեք, ― ասաց Բոնելլոն։
 +
 +
― Բանակի փորը նրա ոտքերն են, ― ասացի ես։
 +
 +
― Ի՞նչ, ― հարցրեց սերժանտը։
 +
 +
― Ուտել է պետք։
 +
 +
― Այո։ Բայց թանկ է ժամանակը։
 +
 +
― Այս սրիկաները երևի արդեն կերել են, ― ասաց Պիանին։
 +
 +
Սերժանտները նայեցին նրան։ Նրանք ատում էին մեզ։
 +
 +
― Ճանապարհը գիտե՞ք, ― նրանցից մեկը հարցրեց ինձ։
 +
 +
― Ոչ, ― ասացի ես։
 +
 +
Նրանք իրար նայեցին։
 +
 +
― Ավելի լավ է հենց հիմա շարժվենք, ― ասաց առաջինը։
 +
 +
― Հիմա կշարժվենք, ― ասացի ես։
 +
 +
Մի բաժակ էլ կարմիր գինի խմեցի։ Պանրից ու խնձորից հետո գինին շատ համեղ թվաց։
 +
 +
― Վերցրեք պանիրը,― ասացի ես ու դուրս եկա։
 +
 +
Բոնելլոն, գինու շիշը ձեռքին, հետևեց ինձ։
 +
 +
― Շատ մեծ շիշ է, ― ասացի ես։
 +
 +
Նա ափսոսանքով ինձ նայեց։
 +
 +
― Ճիշտ է, ― ասաց նա։ ― Տափաշշերը տվեք։
 +
 +
Լցրեց տափաշշերը, ու քարե հատակին մի քիչ գինի թափվեց։ Նա վերցրեց շիշը ու դրեց հենց դռան առջև։
 +
 +
― Ավստիրացիները դուռը չեն ջարդի գինի գտնելու համար, ― ասաց նա։
 +
 +
― Պետք է ճամփա ընկնել, ― ասացի ես։ ― Ես ու Պիանին առջևից կգնանք։
 +
 +
Սերժանտներն արդեն նստել էին Բոնելլոյի կողքին։ Աղջիկները խնձոր ու պանիր էին ուտում։ Այմոն ծխում էր։ Նեղ ճանապարհով առաջ շարժվեցինք։ Նայեցի մյուս երկու մեքենաներին ու ագարակին։ Տունը գեղեցիկ էր, ցածրիկ և ամուր։ Ջրհորի երկաթե ճաղերը ևս շատ գեղեցիկ էին։ Առջևում նեղ ու ցեխոտ մի ճանապարհ էր, երկու կողմերին՝ բարձր ցանկապատներ։ Ետևից, պոչ֊պոչի կպած, գալիս էին մեր մեքենաները։
 +
 +
 +
==Գլուխ 29==
 +
 +
Կեսօրին, մեր հաշվով՝ Ուդինից տասը կիլոմետր հեռու, մեքենան ցեխի մեջ խրվեց։ Անձրևն առավոտից արդեն դադարել էր, ու մենք երեք անգամ լսել էինք մոտեցող ինքնաթիռների աղմուկը, տեսել, թե ինչպես էին թռչում գլխավերևում, հետևել, թե ինչպես էին հեռանում դեպի ձախ ու լսել խճուղու վրա թափվող ռումբերի դղրդյունը։ Մենք խճճվել էինք դաշտամիջյան ճամփաների ցանցում և հաճախ էինք հայտնվել այնպիսի ճանապարհների վրա, որոնք փակուղի էին տանում, սակայն մենք միշտ վերադառնում էինք, ուրիշ ճամփա փնտրում և այդպես հետզհետե մոտեցանք Ուդինին։ Բայց հիմա Այմոյի մեքենան, փակուղուց ետընթաց շարժում կատարելիս, խրվել էր փխրուն հողի մեջ, և անիվները, անընդհատ տեղապտույտ տալով, ավելի ու ավելի խորն էին թաղվում ցեխի մեջ, մինչև որ մեքենայի դիֆերենցիալը կպավ հողին։ Հիմա անհրաժեշտ էր առջևից փորել անիվների տակ, ճյուղեր լցնել, մինչև որ մեքենան ճանապարհ դուրս գար։ Մենք կանգնել էինք մեքենայի շուրջը։ Սերժանտները մոտեցան ու զննեցին անիվները։ Հետո շուռ եկան ու, առանց որևէ բառ ասելու, քայլեցին ճանապարհով։ Ես գնացի նրանց ետևից։
 +
 +
― Հե՛յ, ― ասացի ես։ ― Ճյուղեր հավաքեք։
 +
 +
― Մենք պետք է գնանք, ― ասաց նրանցից մեկը։
 +
 +
― Գործ արեք, շո՛ւտ, ― ասացի ես։ ― Ճյուղեր հավաքեք։

Մյուսը լուռ էր։ Նրանք շտապում էին հեռանալ։ Չէին նայում ինձ։
 +
 +
― Հրամայում եմ վերադառնալ և ճյուղեր հավաքել,― ասացի ես։
 +
 +
Սերժանտներից մեկը շուռ եկավ։
 +
 +
― Մենք պետք է գնանք։ Մի ժամից կփակվի ձեր ճանապարհը։ Դուք իրավունք չունեք մեզ հրամայելու։ Դուք մեր սպան չեք։
 +
 +
― Հրամայում եմ ճյուղեր հավաքել, ― ասացի ես։
 +
 +
Նրանք շուռ եկան ու շարունակեցին ճանապարհը։
 +
 +
― Կանգնե՛լ, ― ասացի ես։ Նրանք շարունակում էին քայլել ցեխոտ ու երկու կողմից ցանկապատված ճանապարհով։ ― Ասացի կանգնե՛լ, ― գոռացի ես։
 +
 +
Նրանք ավելի արագացրին քայլերը։ Բաց արի պատյանը, հանեցի ատրճանակս, նշան առա նրան, ով ամենից շատ էր խոսում ու կրակեցի։ Վրիպեցի, և նրանք սկսեցին վազել։ Երեք անգամ էլ կրակեցի, ու նրանցից մեկն ընկավ։ Մյուսն անցավ ցանկապատի միջով ու անհետացավ։ Երբ սկսեց վազել դաշտում, ցանկապատի արանքից կրակեցի վրան։ Ատրճանակը չբացվեց, ու ես նոր պահունակ դրեցի։ Տեսա, որ երկրորդ սերժանտը շատ է հեռացել, և կրակելն այլևս իմաստ չուներ։ Նա դաշտի հեռավոր ծայրին էր, ու գլուխը կախած, վազում էր անընդհատ։ Հանեցի դատարկ պահունակը։ Մոտեցավ Բոնելլոն։
 +
 +
― Թողեք վերջ տամ սրան, ― ասաց նա։
 +
 +
Տվեցի ատրճանակը, ու նա գնաց դեպի այն կողմը, ուր ճանապարհի մեջտեղում, երեսնիվայր ընկած էր սերժանտի կոչումով ինժեները։ Բոնելլոն կռացավ, փողն ուղղեց նրա գլխին ու սեղմեց շնիկը։ Ատրճանակը չկրակեց։
 +
 +
― Փականակը քաշեք, ― ասացի ես։
 +
 +
Նա քաշեց փականակը ու երկու անգամ կրակեց։ Բռնեց սերժանտի ոտքից և քարշ տվեց մինչև ճանապարհի եզրը, այնպես որ հիմա նա պառկած է ցանկապատի մոտ։ Բոնելլոն վերադարձավ ու տվեց ատրճանակը։
 +
 +
― Շան որդի, ― ասաց նա, նայելով սերժանտին։ ― Տեսա՞ք ինչպես կրակեցի։
 +
 +
― Պետք է շտապ ճյուղեր հավաքել, ― ասացի ես։ ― Ինչ եք կարծում, չկպա՞ մյուսին։
 +
 +
― Հազիվ թե, ― ասաց Այմոն։ ― Ատրճանակն այդքան հեռվից չի կպչի։
 +
 +
― Տակա՛նք, ― ասաց Պիանին։
 +
 +
Բոլորս էլ շիվեր ու ճյուղեր էինք կտրատում։ Մեքենաները բեռնաթափեցինք։ Բոնելլոն փորում էր անիվների առաջը։ Երբ ամեն ինչ արդեն պատրաստ էր, Այմոն աշխատեցրեց շարժիչը ու միացրեց հաղորդակը։ Անիվներն սկսեցին պտտվել և չորս կողմը ցեխ ու ճյուղ շաղ տալ։ Բոնելլոն ու ես այնքան ժամանակ հրեցինք, մինչև որ զգացինք, թե ինչպես են մեր հոդերը ճթճթում։ Բայց մեքենան տեղից չէր շարժվում։
 +
 +
― Ետ ու առաջ տանենք, Բարտո, ― ասացի ես։
 +
 +
Նա մեկ ետընթաց շարժում էր կատարում, մեկ՝ առաջընթաց։ Անիվներն էլ ավելի խրվեցին ցեխի մեջ։ Հետո դիֆերենցիալը նորից կպավ հողին, ու անիվներն սկսեցին տեղապտույտ տալ իրենց փորած փոսերի մեջ։ Ուղղեցի մարմինս։
 +
 +
― Պարանով փորձենք, ― ասացի ես։
 +
 +
― Դժվար թե օգնի, tenente: Չենք կարողանա մի շարքի վրա կանգնել։
 +
 +
― Պետք է փորձենք, ― ասացի ես։ ― Ուիրշ կերպ չի լինի։
 +
 +
Պիանիի ու Բոնելլոյի մեքենաները միայն նեղ ճանապարհի երկայնով կարող էին մի շարքի վրա կանգնել։ Մեքենաները կապեցինք իրար ու սկսեցինք քաշել։ Անիվները պտտվեցին անվակոսների մեջ։
 +
 +
― Բան դուրս չի գա, ― գոռացի ես։ ― Դադարեցրեք։
 +
 +
Պիանին և Բոնելլոն իջան մեքենաներից ու վերադարձան մեզ մոտ։ Այմոն էլ իջավ։ Աղջիկները նստել էին մի քարի վրա, մեզնից քսան յարդ հեռու։
 +
 +
― Ի՞նչ անենք, tenente, ― հարցրեց Բոնելլոն։
 +
 +
― Փորենք ու էլի ճյուղերով փորձենք, ― ասացի ես։
 +
 +
Նայեցի ճանապարհին։ Ես էի մեղավոր։ Ես էի նրանց այստեղ բերել։ Արևն արդեն գրեթե լրիվ դուրս էր եկել ամպերի միջից, ու սերժանտի մարմինն ընկած էր ցանկապատի մոտ։
 +
 +
― Բաճկոնն ու թիկնոցը տակը փռենք, ― ասացի ես։
 +
 +
Բոնելլոն գնաց դեպի ցանկապատը։ Ես ճյուղեր էի կոտրում, իսկ Պիանին ու Այմոն փորում էին անիվների առջևում ու մեջտեղում։ Ես պատռեցի անձրևաթիկնոցս, կիսեցի և դրեցի անիվների տակ, ցեխի մեջ, հետո թափեցի ճյուղերը։ Մենք արդեն պատրաստ էինք, Այմոն նստեց մեքենան ու միացրեց շարժիչը։ Անիվները տեղապտույտ էին տալիս, իսկ մենք անընդհատ հրում էինք։ Բայց ապարդյուն։
 +
 +
― Վերջ, ― ասացի ես։ ― Բարտո, կարևոր բան կա՞ մեքենայում։
 +
 +
Այմոն մտավ Բոնելլոյի մեքենան, վերցրեց պանիրը, երկու շիշ գինին ու իր գլխարկը։ Բոնելլոն ղեկի մոտ նստած, սերժանտի բաճկոնի գրպաններն էր ստուգում։
 +
 +
― Դեն գցեք, ― ասացի ես։ ― Իսկ Բարթոյի կույսերի հե՞տ ինչպես վարվենք։
 +
 +
― Թող թափքի մեջ նստեն, ― ասաց Պիանին։ Դժվար թե շատ հեռու գնանք։
 +
 +
Բաց արի թափքի դուռը։
 +
 +
― Նստեք, ― ասացի ես։ ― Ներս մտեք։
 +
 +
Աղջիկները մտան ու նստեցին անկյունում։ Կարծես չէին լսել կրակոցի ձայները։ Ետ նայեցի։ Սերժանտը, երկարաթև ու կեղտոտ ներքնազգեստով, ընկած էր ճանապարհին։ Նստեցի Պիանիի կողքին, ու մենք շարժվեցինք։ Ուզում էինք կտրել անցնել դաշտը։ Երբ մեքենաները դաշտ դուրս եկան, ես իջա ու մի քիչ քայլեցի։ Եթե կարողանայինք դաշտն անցնել, կհասնեինք հեռվից երևացող ճանապարհին։ Բայց չկարողացանք։ Հողը ցեխոտ էր ու փխրուն։ Երբ մեքենաներն անհուսալի կերպով ու վերջնականապես խրվեցին և անիվներն էլ կիսով չափ թաղվեցին ցեխի մեջ, մենք դրանք դաշտում թողեցինք ու քայլեցինք դեպի Ուդին։
 +
 +
Երբ դուրս եկանք գլխավոր խճուղի տանող ճանապարհը, կանչեցի աղջիկներին ու ցույց տվի այդ կողմը։
 +
 +
― Գնացեք, ― ասացի ես։ ― Այնտեղ էլ մարդիկ կան։
 +
 +
Նրանք նայեցին ինձ։ Հանեցի դրամապանակս ու տասական լիրա տվեցի ամեն մեկին։
 +
 +
― Գնացեք, ― ասացի ես ցույց տալով մատով։ ― Այնտեղ ձեր ընկերներն են։ Ձեր հարազատները։
 +
 +
Նրանք չհասկացան, բայց, փողերն ամուր պահած, գնացին։ Հետո շուռ եկան ու նայեցին, կարծես վախենալով, որ կարող եմ ետ վերցնել փողերը։ Ես հետևում էի, թե ինչպես շալերի մեջ ամուր փաթաթված, քայլում էին նրանք ու վախեցած մեզ նայում։ Երեք վարորդները ծիծաղում էին։
 +
 +
― Tenente, ինչքա՞ն կտաք, եթե ես էլ այն կողմ գնամ, ― հարցրեց Բոնելլոն։
 +
 +
― Եթե փորձանք էլ պատահի, ավելի լավ է մարդկանց մեջ լինեն, քան թե մենակ։
 +
 +
― Երկու հարյուր լիրա տվեք, ու ես կվերադառնամ թեկուզ մինչև Ավստրիա, ― ասաց Բոնելլոն։
 +
 +
― Ավստրիայում ձեռքիցդ կվերցնենք, ― ասաց Պիանին։
 +
 +
― Գուցե պատերազմը վերջանա, ― ասաց Այմոն։
 +
 +
Հնարավորին չափ արագ էինք քայլում։ Արևը երբեմն դուրս էր գալիս ամպերի միջից։ Ճանապարհի կողքերին թթենիներ կային։ Ծառերի արանքներից տեսնում էի մեր մեքենաները, որոնք, կահույքի երկու մեծ ֆուրգոնների պես, ցցվել էին դաշտի մեջտեղում։ Պիանին ևս այդ կողմ նայեց։
 +
 +
― Պետք է նոր ճանապարհ սարքեն, որպեսզի դուրս բերեն մեքենաները։
 +
 +
― Գրողը տանի, գոնե հեծանիվ լիներ, ― ասաց Բոնելլոն։
 +
 +
― Ամերիկայում հեծանիվ քշո՞ւմ են, ― հարցրեց Այմոն։
 +
 +
― Առաջ քշում էին։
 +
 +
― Լավ բան է հեծանիվը, ― ասաց Այմոն։ ― Հիանալի բան է։
 +
 +
― Է՜, գրողը տանի, գոնե հեծանիվ լիներ, ― ասաց Բոնելլոն։ ― Ես ինչ քայլող եմ, որ․․․
 +
 +
― Կրակո՞ւմ են, ինչ է, ― հարցրի ես։
 +
 +
― Ինձ թվաց, թե կրակոցի ձայներ եմ լսում հեռվից։
 +
 +
― Չգիտեմ, ― ասաց Այմոն ու ականջ դրեց։
 +
 +
― Կարծես թե, ― ասացի ես։
 +
 +
― Ամենից առաջ հեծելազորը կտեսնենք, ― ասաց Պիանին։
 +
 +
― Ինչքան գիտեմ, նրանք հեծելազոր չունեն։
 +
 +
― Աստված տա չունենան, ― ասաց Բոնելլոն։ ― Չեմ ուզում, որ ինչ֊որ հեծյալ նիզակով ինձ խոցի։
 +
 +
― Լավ կրակեցիք սերժանտի վրա, tenente, ― ասաց Պիանին։
 +
 +
Մենք շատ արագ էինք քայլում։
 +
 +
― Ես սպանեցի նրան, ― ասաց Բոնելլոն։ ― Ես այս պատերազմում դեռ ոչ ոքի չէի սպանել, և ամբողջ կյանքում երազել էի հենց սերժանտ սպանել։
 +
 +
― Թառի վրա սպանեցիր հավը, ― ասաց Պիանին։ ― Այնքան էլ արագ չէր թռչում, երբ կրակեցիր։
 +
 +
― Ոչինչ։ Հիմա ես դա միշտ կհիշեմ։ Ես սպանեցի այդ․․․ սերժանտին։
 +
 +
― Իսկ խոստովանանքի ժամանակ ի՞նչ ես ասելու, ― հարցրեց Այմոն։
 +
 +
― Կասեմ՝ օրհնեցեք ինձ, հայր սուրբ, ես սերժանտ եմ սպանել։
 +
 +
Բոլորն էլ ծիծաղեցին։
 +
 +
― Նա անարխիստ է, ― ասաց Պիանին։ ― Եկեղեցի չի գնում։
 +
 +
― Դուք իսկապե՞ս անարխիստներ եք, ― ասացի ես։
 +
 +
― Ոչ, tenente, ― մենք սոցիալիստ ենք։ Բոլորս էլ իմոլացի ենք։
 +
 +
― Չե՞ք եղել այնտեղ։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Գրողը տանի, հիանալի տեղ է, tenente։ Պատերազմից հետո մեզ մոտ եկեք, տեսնելու շատ բան կա։
 +
 +
― Եվ բոլո՞րն են այնտեղ սոցիալիստ։
 +
 +
― Այո, բոլորը։
 +
 +
― Գեղեցի՞կ քաղաք է։
 +
 +
― Սքանչելի։ Այդպիսի քաղաք չեք տեսել։
 +
 +
― Իսկ ինչպե՞ս եք սոցիալիստ դարձել։
 +
 +
― Բոլորս էլ սոցիալիստ ենք։ Այնտեղ բոլորն են սոցիալիստ։ Եվ միշտ էլ սոցիալիստ են եղել։
 +
 +
― Մեզ մոտ եկեք, tenente: Մենք ձեզ սոցիալիստ կդարձնենք։
 +
 +
Ճանապարհը ձախ էր թեքվում և, պարսպապատ այգու կողքով, բարձրանում դեպի ցածրիկ բլուրը։ Իսկ երբ լեռնային ճանապարհ հասանք, նրանք լռեցին։ Չորսս էլ միասին էինք քայլում ու շտապում։
 +
 +
 +
==Գլուխ 30==
 +
 +
Ավելի ուշ մենք դուրս եկանք դեպի գետը տանող ճանապարհը։ Լքված բեռնատարների ու սայլակառքերի երկար շարանը ձգվում էր մինչև կամուրջը։ Ոչ ոք չկար։ Գետի ջուրը բարձրացել էր, և ռումբն ավերել էր կամրջի մեջտեղը։ Կամարն ընկել էր գետը և սուզվել ջրի մեջ։ Մենք քայլում էինք ափի երկայնքով ու անցնելու տեղ փնտրում։ Գիտեի, որ քիչ հեռու երկաթուղային մի կամուրջ կար ու մտածում էի, որ գուցե հնարավոր լինի այդտեղից անցնել։ Արահետը թաց էր ու ցեխոտ։ Ոչ մի զինվոր չէր երևում, միայն՝ լքված գույքեր  և ավտոմեքենաներ։ Ափի մոտ ևս ոչ ոք և ոչինչ չկար, բացի թաց մացառուտներից ու ցեխոտ հողից։ Երկար քայլեցինք գետի ափով․ ու վերջապես տեսանք երկաթուղային կամուրջը։
 +
 +
― Ինչ գեղեցիկ կամուրջ է, ― ասաց Այմոն։
 +
 +
Դա երկաթից կառուցված մի երկարավուն կամուրջ էր գետի վրա, որը սովորաբար ցամաքում էր մինչև հատակը։
 +
 +
― Քանի չեն պայթեցրել, եկեք շուտ անցնենք, ― ասացի ես։
 +
 +
― Մարդ չկա, որ պայթեցնի, ― ասաց Պիանոն։ ― Բոլորը գնացել են։
 +
 +
― Երևի ականապատված է, ― ասաց Բոնելլոն։ ― Առաջ դուք գնացեք, tenente։
 +
 +
― Լսո՞ւմ եք այս անարխիստին, ― ասաց Այմոն։ ― Ստիպեք թող ինքն առաջինը գնա։
 +
 +
― Ե՛ս կգնամ, ― ասացի ես։ ― Դժվար թե այնպես ականապատված լինի, որ մի հոգու քայլերից պայթի։
 +
 +
― Տեսնո՞ւմ ես, ― ասաց Պիանին։ ― Այ թե ինչ է նշանակում խելք։ Իսկ դու ինչո՞ւ խելք չունես, անարխիստ։
 +
 +
― Խելք որ ունենայի, հիմա ուրիշ տեղ կլինեի, ― ասաց Բոնելլոն։
 +
 +
― Լավ ասաց չէ՞, tenente, ― հարցրեց Այմոն։
 +
 +
Արդեն կամրջի մոտ էինք։ Երկինքը նորից ամպել էր ու անձրև էր կաթկթում։ Կամուրջը շատ երկար ու շատ հաստատուն էր թվում։ Մագլցելով բարձրացանք հողաթումբը։
 +
 +
― Մեկ֊մեկ անցնենք, ― ասացի ես ու սկսեցի քայլել կամրջով։ Ուշադիր նայում էի կոճափայտերին ու ռելսերին և լարեր կամ ականապատման հետքեր փնտրում, բայց ոչինչ չնկատեցի։ Կոճափայտերի արանքներից կարելի էր տեսնել արագահոս ու պղտոր գետը։ Հեռվում, թաց դաշտերից այն կողմ, անձրևի տակ, երևում էր Ուդինը։ Անցա կամուրջը ու ետ նայեցի։ Քիչ այն կողմ ևս մի կամուրջ կար։ Դեղնագույն, ցեխոտ մարդատար մի ավտոմեքենա անցավ այդ կամրջով։ Բազիրքները բարձր էին, ու ավտոմեքենան անմիջապես կորավ տեսողությունից։ Երևում էին վարորդի, նրա կողքին նստած մարդու ու ետևում տեղավորված երկու հոգու գլուխները։ Բոլորն էլ՝ գերմանական սաղավարտներով։ Մեքենան ափ հասավ ու անհետացավ ծառերի ու լքված բեռնատարների ետևում։ Ես ձեռքով նշան արի Այմոյին, որը քայլում էր կամրջով, ու հասկացրի նրան ինչպես նաև՝ մյուսներին, որ շտապեն։ Ես իջա ներքև ու նստեցի երկաթուղային հողաթմբի տակ։ Այմոն ևս հետևեց ինձ։
 +
 +
― Տեսա՞ք մեքենան, ― հարցրի ես։
 +
 +
― Ոչ։ Մենք ձեզ էինք նայում։
 +
 +
― Գերմանական շտաբի մեքենան անցավ վերևի կամրջից։
 +
 +
― Շտաբի մեքենա՞ն։
 +
 +
― Այո։
 +
 +
― Հիսո՜ւս Քրիստոս։
 +
 +
Մյուսներն էլ եկան ու նստեցին ցեխոտ հողաթմբի տակ, որտեղից երևում էին ծառերի շարքը, առուն ու ճանապարհը։
 +
 +
― Կարծում եք, կտրվա՞ծ է ճանապարհը, tenente։
 +
 +
― Չգիտեմ։ Միայն գիտեմ, որ այս ճանապարհով գերմանական շտաբի մեքենան անցավ։
 +
 +
― Դուք լրի՞վ առողջ եք, ― tenente: Ձեր գլուխը չի՞ պտտվում։
 +
 +
― Մի սրամտեք, Բոնելլո։
 +
 +
― Չխմե՞նք, ― հարցրեց Պիանին։ ― Եթե մեր ճանապարհն իսկապես կտրված է, գոնե խմենք մի քիչ։
 +
 +
Նա գոտու վրայից հանեց տափաշիշը ու բացեց խցանը։
 +
 +
― Տեսեք, տեսեք, ― ասաց Այմոն և ցույց տվեց դեպի ճանապարհը։
 +
 +
Գերմանական սաղավարտներ էին շարժվում կամրջի բազիրքի վրայից։ Թեքված էին առաջ և շարժվում էին շատ սահուն, գրեթե անբնական արագությամբ։ Երբ ափ հասան, տեսանք սաղավարտ հագած զինվորների։ Հեծանվորդների վաշտ էր։ Տեսա առաջին երկուսին։ Առողջ էին ու կարմրաթուշ։ Սաղավարտներն իջել էին ճակատների վրա ու ծածկել դեմքերի մի մասը։ Կարաբինները կախված էին հեծանիվների շրջանակներից։ Նռնակները կախված էին գոտիներից։ Սաղավարտներն ու մոխրագույն համազգեստները թաց էին, և նրանք գնում էին անշտապ, չորս կողմը նայելով։ Առջևից երկու հոգի էին գնում, հետո՝ չորս, հետո՝ էլի երկու, հետո՝ միանգամից տասը կամ տասներկու, հետո՝ էլի տասներկու, հետո՝ միայն մեկը։ Չէին խոսում, բայց եթե խոսեին էլ, գետի աղմուկը թույլ չէր տա լսել։ Ճանապարհին անհետացան տեսողությունից։
 +
 +
― Հիսո՜ս Քրիստոս, ― ասաց Այմոն։
 +
 +
― Գերմանացիներ էին, ― ասաց Պիանին, ավստրիացիներ չէին։ ― Ինչու ոչ ոք չի կանգնեցնում նրանց, ― ասացի ես։ ― Ինչո՞ւ չեն պայթեցրել կամուրջը։ Ինչո՞ւ հողաթմբերի վրա գնդացիրներ չկան։
 +
 +
― Մե՞զ եք ասում, tenente, ― ասաց Բոնելլոն։
 +
 +
Ես անչափ զայրացել էի։
 +
 +
― Խելքները թռցրել են։ Ներքևում մի փոքրիկ կամուրջ են պայթեցնում։ Իսկ գլխավոր խճուղու կամուրջը թողնում են։ Ո՞ւր են կորել։ Ինչ է, ոչ ոք չի՞ փորձելու նրանց կանգնեցնել։
 +
 +
― Մե՞զ եք ասում, tenente, ― կրկնեց Բոնելլոն։
 +
 +
Ես լռեցի։ Դա ինձ չէր վերաբերում։ Իմ միակ գործն էր՝ երեք սանիտարական մեքենաները Պորդենոնե հասցնել։ Սակայն այդ էլ չհաջողվեց։ Իսկ հիմա իմ միակ գործն էր Պորդենոնե հասնել։ Բայց, հավանաբար, նույնիսկ Ուդին չէի կարողանա հասնել։ Գրողի ծոցը, թող չկարողանամ։ Պետք է պարզապես հանգիստ լինել, կրակի տակ չընկնել կամ գերի չբռնվել։
 +
 +
― Կարծեմ տափաշիշը բացեցիք, չէ՞, ― հարցրի Պիանիին։ Նա տափաշիշը մեկնեց ինձ։ Ես բավական խմեցի։ ― Կարող ենք գնալ, ― ասացի ես։ ― Թեև շտապելու բան չունենք։ Ուզո՞ւմ եք ուտել։
 +
 +
― Հարմար տեղ չէ, ― ասաց Բոնելլոն։
 +
 +
― Դե լավ, գնացինք։
 +
 +
― Այս կողմով չգնա՞նք։ Աչքից հեռու կլինենք։
 +
 +
― Ավելի լավ է՝ վերևով։ Նրանք այս կամրջով էլ կարող են անցնել։ Ավելի վատ, եթե հանկարծ մեր գլխավերևում հայտնվեն, ու մենք չնկատենք նրանց։
 +
 +
Սկսեցինք քայլել ռելսերի վրայով։ Մեր երկու կողմերում ձգվում էր թաց հարթավայրը։ Հարթավայրից այն կողմ երևում էր Ուդինի բլուրը։ Տանիքները ետ էին քաշվել ու ճամփա տվել ամրոցին։ Երևում էին զանգակատունն ու աշտարակի ժամացույցը։ Դաշտում շատ թթենիներ կային։ Հեռվում, ինչ֊որ տեղ, ռելսերը մասնատված էին։ Կոճափայտերը ևս հանել ու գցել էին հողաթմբի տակ։
 +
 +
― Ներքև՛, ներքև՛, ― ասաց Այմոն։
 +
 +
Մենք վազեցինք ու թաքնվեցինք հողաթմբի տակ։ Հեծանվորդների մի ուրիշ խումբ էր անցնում ճանապարհով։ Նայեցի հողաթմբի ծայրից ու տեսա նրանց։
 +
 +
― Նրանք տեսան մեզ, բայց կանգ չառան, ― ասաց Այմոն։
 +
 +
― Մեզ կսպանեն այստեղ, tenente, ― ասաց Բոնելլոն։
 +
 +
― Մենք չենք հետաքրքրում նրանց, ― ասացի ես։ ― Նրանք ինչ֊որ ուրիշ մարդկանց են հետապնդում։ Մեզ համար ավելի վտանգավոր է, եթե հանկարծ դեմ առ դեմ հանդիպենք։
 +
 +
― Ես կնախընտրեի այստեղով գնալ, աչքից հեռու, ― ասաց Բոնելլոն։
 +
 +
― Լավ, գնացեք։ Իսկ մենք ռելսերով կքայլենք։
 +
 +
― Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞նք անցնել, ― հարցրեց Այմոն։
 +
 +
― Անպայման։ Նրանք այնքան էլ շատ չեն։ Գիշերը մի կերպ կանցնենք։
 +
 +
― Շտաբի մեքենան ի՞նչ գործ ուներ այստեղ։
 +
 +
― Աստված գիտե, ― ասացի ես։
 +
 +
Մենք գնում էինք ռելսերի վրայով։ Բոնելլոն հոգնեց ցեխերի միջով քայլելուց ու միացավ մեզ։ Երկաթուղային գիծը հիմա թեքվում էր դեպի հարավ ու հեռանում խճուղուց, և մենք չէինք կարող տեսնել, թե ինչ էր կատարվում ճանապարհին։ Ջրանցքի  կամուրջը պայթեցված էր, բայց մենք անցանք ցցագերանների վրայով։ Հեռվից կրակոցի ձայներ էին լսվում։
 +
 +
Ջրանցքն անցնելուց հետո նորից դուրս եկանք երկաթուղագիծ, որը դաշտերի միջով ուղիղ տանում էր դեպի քաղաք։ Առջևում երևում էր մի ուրիշ երկաթուղագիծ։ Հյուսիսում այն խճուղին էր, որտեղ հեծանվորդներին տեսանք։ Հարավում ճյուղավորվում էր մի փոքրիկ ճանապարհ, որի երկու եզրերին խիտ ծառեր կային։ Մտածում էի, որ ավելի լավ է հարավով գնալ և, քաղաքը շրջանցելով, դաշտերի միջով հասնել Կամպոֆորմիո և Տալյամենտոյի խճուղին։ Մենք կարող էինք խույս տալ նահանջի գլխավոր ճանապարհից և Ուդինից այն կողմ ընտրել երկրորդական ճամփաներ։ Գիտեի, որ հարթավայրի միջով բազմաթիվ միջգյուղա ճանապարհներ էին անցնում։ Սկսեցի իջնել հողաթմբից։
 +
 +
― Գնանք, ― ասացի ես։
 +
 +
Որոշեցի դուրս գալ միջգյուղա ճանապարհը և հարավային կողմից շրջանցել քաղաքը։ Բոլորս էլ իջնում էինք հողաթմբից։ Ճանապարհից կրակեցին մեզ վրա։ Փամփուշտը խրվեց հողաթմբի ցեխերի մեջ։
 +
 +
― Ետ դարձեք, ― ասացի ես։
 +
 +
Սայթաքելով սկսեցի բարձրանալ հողաթումբը։ Վարորդներն առջևում էին։ Հնարավորին չափ արագ բարձրացա հողաթումբը։ Խիտ թփուտների միջից երկու անգամ էլ կրակեցին, և Այմոն, որը կտրում֊անցնում էր ռելսերը, օրորվեց, սայթաքեց ու երեսնիվայր ընկավ գետին։ Մենք նրան քաշեցինք մյուս կողմը ու շրջեցինք մեջքի վրա։
 +
 +
― Գլուխը պետք է ոտքերից բարձր լինի, ― ասացի ես։
 +
 +
Պիանին տեղաշարժեց նրան։ Նա պառկել էր ցեխոտ հողաթմբի վրա, ոտքերը դեպի ցած, շնչում էր անկանոն և ամեն արտաշնչման հետ արյուն էր թափվում բերանից։ Երեքս էլ, անձրևի տակ, պպզել էինք նրա շուրջը։ Փամփուշտը կպել էր ծոծրակին, անցել գլխի միջով և դուրս եկել աջ աչքի տակից։ Մինչև ես փորձում էի վիրախծծել երկու անցքերը, նա մեռավ։ Պիանին նրա գլուխն իջեցրեց հողին, մառլյայի կտորով սրբեց դեմքը, հետո թողեց նրան ու մի կողմ քաշվեց։
 +
 +
― Սրիկաներ, ― ասաց նա։
 +
 +
― Սրանք գերմանացի չեն, ― ասացի ես։ ― Այստեղ գերմանացիներ չեն կարող լինել։
 +
 +
― Իտալացիներ, ― ասաց Պիանին, այդ բառն օգտագործելով որպես մակդիր։ ― Italiani:
 +
 +
Բոնելլոն ոչինչ չասաց։ Նստել էր Այմոյի կողքին ու չէր նայում նրան։ Պիանին վերցրեց Այմոյի գլխարկը, որ ընկել էր հողաթմբի վրա ու ծածկեց նրա դեմքը։ Ապա հանեց տափաշիշը։
 +
 +
― Ուզո՞ւմ ես, ― Պիանին տափաշիշը մեկնեց Բոնելլոյին։
 +
 +
― Ոչ, ― ասաց Բոնելլոն ու շրջվեց իմ կողմը, ― ռելսերի վրա այս բանը կարող էր ամեն մեկիս պատահել։
 +
 +
― Ոչ, ― ասացի ես։ ― Պատճառն այն էր, որ ուզեցինք դաշտով անցնել։
 +
 +
Բոնելլոն բացասաբար շարժեց գլուխը։
 +
 +
― Այմոն մեռած է, ― ասաց նա։ ― Ո՞վ է լինելու հաջորդը, tenente. Հիմա ո՞ւր ենք գնալու։
 +
 +
― Իտալացիները կրակեցին, ― ասացի ես։ ― Ոչ թե գերմանացիները։
 +
 +
― Եթե գերմանացի լինեին, երևի բոլորիս էլ կսպանեին, ― ասաց Բոնլլոն։
 +
 +
― Իտալացիները մեզ համար ավելի վտանգավոր են, ― ասացի ես։ ― Վերջապահներն ամեն ինչից վախենում են։ Իսկ գերմանացիները գոնե գիտեն, թե ինչ են ուզում։
 +
 +
― Ճիշտ եք ասում, tenente, ― համաձայնեց Բոնելլոն։
 +
 +
― Հիմա ո՞ւր ենք գնալու, ― հարցրեց Պիանին։
 +
 +
― Ավելի լավ է մինչև մութն ընկնելն սպասենք։ Եթե կարողանանք մի կերպ հարավ հասնել, ամեն ինչ լավ կլինի։
 +
 +
― Նրանք ստիպված են բոլորիս էլ սպանել, որպեսզի ապացուցեն, թե առաջինին զուր չեն սպանել, ― ասաց Բոնելլոն։ ― Չեմ ուզում ռիսկի դիմել։
 +
 +
― Ուդինի մոտ մի տեղ կգտնենք ու կթաքնվենք, ― իսկ երբ մթնի, կաշխատենք անցնել։
 +
 +
― Որ այդպես է, գնանք, ― ասաց Բոնելլոն։
 +
 +
Սկսեցինք իջնել հողաթմբի հյուսիսային կողմից։ Ետ նայեցի։ Այմոն պառկած էր հողաթմբի անկյան տակ, ցեխերի մեջ։ Նա շատ փոքր էր, ձեռքերը ձգված երկու կողքերին, փաթաթան հագած ոտքերն ու ցեխոտ կոշիկները կպած էին իրար, գլխարկը ծածկել էր դեմքը։ Նա շատ մեռած էր երևում։ Անձրև էր գալիս։ Մինչև հիմա ինձ ոչ ոք այնքան դուր չէր եկել, որքան նա։ Նրա թղթերն իմ գրպանում էին, ու ես պետք է գրեի նրա ընտանիքին։
 +
 +
Հեռվում, դաշտերի մեջ, մի ագարակատուն էր երևում։ Շուրջը՝ ծառեր, իսկ տան առաջ՝ օժանդակ շինություններ, երկրորդ հարկում ցցագերանների վրա պատշգամբ էր կառուցված։
 +
 +
― Ավելի լավ է իրարից հեռու քայլենք, ― ասացի ես։ ― Առաջինը ես կգնամ։
 +
 +
Քայլերս ուղղեցի դեպի ագարակատունը։ Դաշտում մի արահետ կար։
 +
 +
Անցնում էի դաշտի միջով և անընդհատ սպասում, որ ահա ուր որ է կսկսեն կրակել ագարակատան ծառերի ետևից կամ հենց ագարակատնից։ Ես ուղիղ այնտեղ էի գնում, և տունն աչքերիս առաջ երևում էր պարզ ու հստակ։ Երկրորդ հարկի պատշգամբը մխրճվել էր խոտանոցի մեջ, ու ցցագերանների արանգներում խոտ էր լցված։ Բակը շրջապատված էր քարե պարսպով, ու ծառերի վրայից անձրև էր կաթկթում։ Բակում մեծ ու դատարկ, քեղիներն անձրևի տակ դեպի վեր ցցված երկանիվ մի սայլ կար։ Անցա բակի միջով ու կանգնեցի պատշգամբի տակ։ Դուռը բաց էր, ու ես ներս մտա։ Բոնելլոն ու Պիանին հետևեցին ինձ։ Մութ էր ներսում։ Գնացի խոհանոց։ Մեծ ու բաց օջախում մոխիր կար։ Մոխիրների վրա պուտուկներ էին կախված, բայց՝ դատարկ։ Պրպտեցի չորս կողմը, սակայն ուտելու բան չգտա։
 +
 +
― Հենց խոտերի վրա էլ կպառկենք ու կսպասենք, ― ասացի ես։ ― Ի՞նչ եք կարծում, Պիանի, կարո՞ղ ենք ուտելու բան գտնել, մարագ տանել։։
 +
 +
― Գնամ տեսնեմ, ― ասաց Պիանին։
 +
 +
― Ես էլ գնամ, ― ասաց Բոնելլոն։
 +
 +
― Լավ, ― ասացի ես։ ― Ես մարագ եմ գնում, տեսնեմ ինչ կա։
 +
 +
Փնտրեցի ու գտա քարե աստիճանները, որոնք դուրս էին տանում գոմից։ Գոմում ինչ֊որ չոր հոտ էր տարածվել, որն անձրևի տակ հաճելի էր թվում։ Անասուն չկար, երևի հետներն էին տարել ագարակատունը լքելիս։ Մարագը կիսով չափ խոտով էր լցված։ Տանիքի վրա երկու պատուհան կար, մեկը տախտակներով էր մեխված, իսկ մյուսը նեղլիկ մի ձեղնանցք էր հյուսիսային կողմում։ Տանիքում մի փողրակ կար, որտեղից խոտը գցում էին կերատաշտի մեջ։ Խաչաձև տախտակներ էին մեխված այն դռնակին, որի առջև բերքահավաքի ժամանակ, խոտով բարձված սայլեր էին կանգնում։ Լսում էի, թե ինչպես էր անձրևը տկտկացնում տանիքին, և խոտի հոտ էի զգում, ու երբ ներքև իջա, զգացի նաև չորացած գոմաղբի մաքուր հոտը։ Կարելի էր տախտակներից մեկը պոկել և հարավային կողմի պատուհանից նայել դեպի բակը։ Մյուս պատուհանը հյուսիսում էր, ուղիղ դաշտի վրա։ Եթե սանդուղքը չլիներ, կարելի էր որևէ պատուհանից տանիք բարձրանալ և այնտեղից հնարավոր էր իջնել նաև փողրակի միջով։ Խոտանոցը մեծ էր և, վտանգի դեպքում, կարելի էր թաքնվել խոտերի մեջ։ Ըստ երևույթին, հուսալի տեղ էր։ Վստահ եմ, որ մենք հիմա հարավում կլինեինք, եթե չկրակեին մեզ վրա։ Չի կարող պատահել, որ այստեղ գերմանացիներ լինեն։ Նրանք գալիս էին հյուսիսից, Չիվիդալեի կողմից։ Բացառված էր, որ հարավից գային։ Իտալացիներն ավելի վտանգավոր են։ Վախեցած էին, դրա համար էլ կրակում էին աջ ու ձախ։ Անցյալ գիշեր շարասյան մեջ շշուկ ընկավ, թե հյուսիսում իտալական համազգեստ հագած բազմաթիվ գերմանացիներ են խառնվել նահանջող բանակին։ Չէի հավատում։ Պատերազմի ժամանակ միշտ էլ այդպիսի լուրեր են տարածվում։ Եվ դա միշտ թշնամին է անում։ Երբեք չես լսի, թե ինչ֊որ մեկը գերմանական համազգեստ է հագել, որպեսզի իրարանցում ստեղծի գերմանական բանակում։ Գուցե և անում են, բայց այդ մասին երբեք չեն խոսում։ Չէի հավատում, թե գերմանացիներն այդպիսի միջոցների էին դիմում։ Չէի հավատում, որ դա անհրաժեշտ է նրանց։ Ի՞նչ կարիք կար իրարանցում ստեղծել նահանջող բանակում։ Իրարանցում ստեղծում են զինվորների թիվն ու ճանապարհների սակավությունը։ Առանց գերմանացիների էլ գլուխ չեն հանի։ Բայց և այնպես մեզ կարող են ծպտված գերմանացիների տեղ դնել ու կրակել։ Կրակեցին չէ՞ Այմոյի վրա։ Խոտից լավ հոտ էր գալիս և, մարագում պառկած, թվում էր, թե վերանում են բոլոր անցած տարիները։ Պառկել էինք մարագում, զրուցում էինք ու օդաձիգ հրացանով կրակում ագռավների վրա, երբ նրանք նստում էին առաստաղի եռանկյուն անցքի ծայրերին։ Հիմա մարագ չկար, հիմա այնպիսի տարի էր, որ բոլոր սպիտակ եղևնիները կտրել էին և նախկին անտառի տեղում մնացել էին միայն ծառաբներ, չորուկներ, ճյուղեր ու թորթոջներ։ Վերադարձ չկա։ Ի՞նչ կլինի, եթե առաջ չգնաս։ Երբեք չես վերադառնա Միլան։ Իսկ եթե վերադառնաս, ի՞նչ օգուտ։ Հյուսիսից, Ուդինի կողմից, կրակոցի ձայներ էին լսվում։ Գնդացիր էր կրակում։ Թնդանոթի ձայն չկար։ Իսկ դա ինչ֊որ բան նշանակում է։ Երևի ստիպել էին, որ զորքի մի մասը հավաքվեր ճանապարհի ծայրին։ Նայեցի ներքև ու կիսախավար բակում տեսա Պիանիին։ Թևի տակ մի մեծ երշիկ կար, ինչ֊որ ապակյա աման ու երկու շիշ գինի։
 +
 +
― Բարձրացեք, ― ասացի ես։ ― Այնտեղ է սանդուղքը։
 +
 +
Հետո գլխի ընկա, որ պետք է օգնել նրան, ու ցած իջա։ Այնքան երկար էի պառկել խոտերի վրա, որ գլուխս պտտվում էր։ Կարծես կես քուն, կես արթուն լինեի։
 +
 +
― Որտե՞ղ է Բոնելլոն, ― հարցրի ես։
 +
 +
― Կասեմ, ― ասաց Պիանին։
 +
 +
Մենք բարձրացանք սանղուղքով։ Նստեցինք և ուտելիքները դրեցինք խոտերի վրա։ Պիանին հանեց խցանահանը ու բաց արեց շշերից մեկը։
 +
 +
― Մոմով են զմռսել, ― ասաց նա։ ― Երևի համեղ կլինի։ ― Նա ժպտաց։
 +
 +
― Որտեղ՞է Բոնելլոն, ― հարցրի ես։
 +
 +
Պիանին նայեց ինձ։
 +
 +
― Գնաց, tenente, մենք պատերազմի կողմնակից չենք։
 +
 +
― Իսկ դուք ինչո՞ւ չգնացիք նրա հետ։
 +
 +
― Չէի ուզում ձեզ մենակ թողնել։
 +
 +
― Իսկ ո՞ւր գնաց։
 +
 +
― Չգիտեմ, tenente: Գնաց։
 +
 +
― Դե լավ, ― ասացի ես։ ― Երշիկը կտրեք։
 +
 +
Պիաին ինձ նայեց կիսախավարում։
 +
 +
― Խոսելու ժամանակ կտրում էի, ― ասաց նա։
 +
 +
Խոտերի վրա նստած, երշիկ էինք ուտում ու գինի խմում։ Երևի հարսանիքի համար էին պահել գինին։ Այնքան հին էր, որ կորցել էր գույնը։
 +
 +
― Դուք այս պատուհանից նայեք, Լուիջի, ― ասացի ես, ― իսկ ես՝ մյուս։
 +
 +
Երկուսս էլ առանձին շշերից էինք խմում, ու ես վերցրի իմ շիշը, ավելի վեր բարձրացա, երեսնիվայր պառկեցի խոտերի վրա ու նեղ պատուհանից սկսեցի դիտել թաց հարթավայրը։ Չգիտեմ, թե ինչ էի սպասում տեսնել, բայց բացի դաշտից և մերկ թթենիներից և անձրևից ուրիշ ոչինչ չտեսա։ Գինի էի խմում, սակայն տրամադրությունս չէր փոխվում։ Այնքան երկար էին պահել, որ փչացել էր և կորցրել գույնն ու որակը։ Նայում էի, թե ինչպես էր մթնում։ Մութը շատ արագ էր տարածվում։ Անձրև էր գալու, և սև գիշեր էր լինելու։ Երբ արդեն լրիվ մթնեց, այլևս իմաստ չուներ պատուհանից նայելը, ու ես վերադարձա Պիանիի մոտ։ Նա քնած էր, ու ես չարթնացրի նրան և լուռ նստեցի կողքին։ Նա խոշորակազմ էր, և քունը խորն էր շատ։ Քիչ անց արթնացրի, ու մենք ճամփա ընկանք։
 +
 +
Տարօրինակ գիշեր էր։ Չգիտեի, թե ինչ էի սպասում, գուցե մա՞հ, գուցե՝ կրակո՞ց, փախո՞ւստ մթության մեջ, բայց ոչինչ չպատահեց։ Առվի մոտ, երեսնիվայր պառկած, սպասեցինք մինչև որ գերմանական գումարտակն անցավ ու անհետացավ տեսողությունից, հետո վեր կացանք, անցանք խճուղին և ուղղվեցինք դեպի հյուսիս։ Երկու անգամ, անձրևի տակ, գերմանացիների հանդիպեցինք մոտիկից, բայց նրանք չնկատեցին մեզ։ Հյուսիսային կողմից շրջանցեցինք քաղաքը ու ոչ մի իտալացու չտեսանք, հետո, որոշ ժամանակ անց, դուրս եկանք նահանջի գլխավոր ճանապարհը և ամբողջ գիշերը քայլեցինք Տայլամենտոյի ուղղությամբ։ Երբեք չեմ պատկերացրել, թե նահանջը կարող էր այսքան հսկայական լինել։ Ամբողջ երկիրն էր բանակի հետ շարժվում։ Ամբողջ գիշեր քայլեցինք ու առաջ անցանք տրանսպորտից։ Ոտքս ցավում էր, ու ես հոգնած էի, բայց մենք շատ արագ էինք քայլում։ Թվում էր, թե Բոնելլոն հիմարություն արեց և իզուր գնաց հանձնվելու։ Ոչ մի վտանգ չկար։ Մենք երկու բանակի միջով անցանք, ու ոչ մի պատահար տեղի չունեցավ։ Եթե չլիներ Այմոյի մահը, կթվար, թե ընդհանրապես վտանգ չի եղել։ Ոչինչ չպատահեց, երբ մենք բացեիբաց քայլում էինք երկաթգծի վրայով։ Եվ սպանությունը հանկարծակի էր ու անիմաստ։ Մտծում էի, թե արդյոք որտեղ էր հիմա Բոնելլոն։
 +
 +
― Ինչպե՞ս եք, tenente, ― հարցրեց Պիանին։
 +
 +
Մենք քայլում էինք ճամփեզրով, որովհետև խճուղին լցված էր տրանսպորտով ու զինվորներով։
 +
 +
― Շատ լավ։
 +
 +
― Հոգնեցի քայլելուց։
 +
 +
― Մեր գործը հիմա քայլելն է։ Կարիք չկա վրդովվելու։
 +
 +
― Բոնելլոն խենթ է։
 +
 +
― Իհարկե, խենթ է։
 +
 +
―Ի՞նչ եք անելու նրան, tenente:
 +
 +
― Չգիտեմ։
 +
 +
― Հո չե՞ք կարող ասել, որ գերի է հանձնվել։
 +
 +
― Չգիտեմ։
 +
 +
― Գիտեք, եթե պատերազմը շարունակվի, ընտանիքին պատասխանատվության կկանչեն։
 +
 +
― Պատերազմը չի շարունակվի, ― ասաց զինվորներից մեկը։ ― Մենք տուն ենք գնում։ Պատերազմը վերջացավ։
 +
 +
― Բոլորն են տուն գնում։
 +
 +
― Բոլորս ենք տուն գնում։
 +
 +
― Գնացինք, tenente, ― ասաց Պիանին։
 +
 +
Ուզում էր առաջ անցնել։
 +
 +
― Tenente? Ո՞վ է tenente-ն։ Abbasso gli ufficiali! Կորչեն սպաները։
 +
 +
Պիանին թևանցուկ արեց ինձ։
 +
 +
― Ավելի լավ է անունով դիմեմ ձեզ, ― ասաց նա։ ― Մեկ էլ տեսար փորձանք պատահեց։ Քանի անգամ են սպաների գնդակահարել։
 +
 +
Մենք արագացրինք մեր քայլերն ու առաջ անցանք։
 +
 +
― Այնպես կզեկուցեմ, որ նրա ընտանիքին պատասխանատվության չկանչեն, ― շարունակեցի մեր խոսակցությունը։
 +
 +
― Եթե պատերազմը վերջանա, դա ի՞նչ նշանակություն ունի, ― ասաց Պիանին։ ― Բայց չեմ հավատում, որ վերջանա։ Շատ լավ կլիներ, եթե վերջանար։
 +
 +
― Շուտով կիմանանք, ― ասացի ես։
 +
 +
― Չեմ հավատում, որ վերջանա։ Բոլորն էլ կարծում են, թե վերջացավ, բայց ես չեմ հավատում։
 +
 +
― Evviva la Pace,<ref>Կեցցե խաղաղությունը (իտ․)։</ref> ― գոռաց զինվորներից մեկը։ ― Մենք տուն ենք գնում։
 +
 +
― Լավ կլիներ, եթե տուն գնայինք, ― ասաց Պիանին։ ― Չե՞ք ուզում տուն գնալ։
 +
 +
― Ուզում եմ։
 +
 +
― Չենք գնա։ Չեմ կարծում, որ պատերազմը վերջացավ։
 +
 +
― Andiamo a casa,<ref>Դեպի տուն (իտ․)։</ref> ― գոռաց զինվորներից մեկը։
 +
 +
― Զենքերն են գցում, ― ասաց Պիանին։ ― Քայլելու ժամանակ հանում են զենքերն ու գցում։ Հետո գոռում են։
 +
 +
― Իզուր են զենքը գցում։
 +
 +
― Նրանց թվում է, որ եթե զենքերը գցած լինեն, էլ չեն կարող ստիպել, որ կռվեն։
 +
 +
Խավարի ու անձրևի մեջ ճանապարհ բացելով քայլում էինք ու տեսնում, որ զինվորներից շատերը զենքերը չէին գցել, կախել էին ուսերից։
 +
 +
― Ո՞ր բրիգադայից եք, ― հարցրեց մի սպա։
 +
 +
― Brigada di Pace, ― գոռաց ինչ֊որ մեկը։ ― Խաղաղության բրիգադայից։
 +
 +
Սպան լռեց։
 +
 +
― Ի՞նչ էր ասում։ ― Ի՞նչ էր ասում սպան։
 +
 +
― Կորչի՛ սպան։ Evviva la Pace.
 +
 +
― Գնանք, գնանք, ― ասաց Պիանին։
 +
 +
Մենք անցանք անգլիական երկու սանիտարական մեքենաների կողքով, որոնք խառնվել էին մյուս լքված մեքենաներին։
 +
 +
― Գորիցիայից են, ― ասաց Պիանին։ ― Տեսել եմ, գիտեմ։
 +
 +
― Մեզնից անցել են։
 +
 +
― Մեզնից առաջ ճամփա ընկան։
 +
 +
― Հետաքրքրիր է, որտեղ են վարորդները։
 +
 +
― Երևի առջևում են։
 +
 +
― Գերմանացիները կանգ են առել Ուդինի մոտ, ― ասացի ես։ ― Բոլորս էլ պետք է գետն անցնենք։
 +
 +
― Այո, ― ասաց Պիանին։ ― Եվ հենց դրա համար էլ ինձ թվում է, որ պատերազմը կշարունակվի։
 +
 +
― Գերմանացիները կարող էին առաջ գնալ, ― ասացի ես։ ― Հետաքրքիր է, ինչո՞ւ չեն գնում։
 +
 +
― Չգիտեմ։ Ես այս պատերազմից բան չեմ հասկանում։
 +
 +
― Երևի տրանսպորտի են սպասում։
 +
 +
― Չգիտեմ, ― ասաց Պիանին։
 +
 +
Հիմա, երբ մենակ մնաց, ավելի կիրթ էր։ Իսկ առաջ, վարորդների շրջապատում՝ անզուսպ լեզու ուներ։
 +
 +
― Ամուսնացա՞ծ եք, Լուիջի։
 +
 +
― Գիտեք, որ ամուսնացած եմ։
 +
 +
― Գուցե դա՞ է պատճառը, որ չուզեցիք գերի հանձնվել։
 +
 +
― Մասամբ։ Իսկ դուք ամուսնացա՞ծ եք։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Բոնելլոն էլ չէր ամուսնացած։
 +
 +
― Չի կարելի ամեն ինչ ամուսնությամբ բացատրել։ Բայց, իհարկե, ամուսնացած մարդը կուզենա կնոջ մոտ վերադառնալ, ― ասացի ես։ Ինձ դուր էր գալիս կանանց մասին խոսելը։
 +
 +
― Այո։
 +
 +
― Ինչպե՞ս է ձեր ոտքը։
 +
 +
― Մի քիչ ցավում է։
 +
 +
Լուսաբացից առաջ հասանք Տալյամենտոյի ափը և վարար գետի ափով մոտեցանք կամրջին, որի վրայով անընդհատ մեքենաներ էին անցնում։
 +
 +
― Կարող էին ամրանալ գետի մոտ, ― ասաց Պիանին։
 +
 +
Մթության մեջ թվում էր, թե գետը շատ է վարարել։ Ջուրն ալեկոծվել էր և դուրս եկել հունից։ Փայտե կամուրջը գրեթե երեք քառորդ մղոն երկարություն ուներ և գետը, որ սովորաբար նեղ վտակներով հոսում էր քարերով ծածկված լայն հունի միջով, հիմա բարձրացել էր գրեթե մինչև կամուրջը։ Մենք քայլեցինք գետափով, ապա խառնվեցինք կամուրջն անցնող բազմությանը։ Վարար գետից մի քանի ոտնաչափ վերև, բազմությանը խառնված, դանդաղ քայլում էինք անձրևի տակ, ու ես նայում էի շուրջս, հետևում գետի հոսանքին և քիչ էր մնում ընկնեի պայթուցիկների արկղի վրա։ Հիմա, երբ ստիպված էինք մեր քայլերը հարմարեցնել ուրիշների քայլերին, ես ինձ շատ հոգնած զգացի։ Կամրջի վրա աշխուժություն չկար։ Մտածում էի, թե ինչ կլիներ, եթե ցերեկն ինքնաթիռը ռմբակոծեր կամուրջը։
 +
 +
― Պիանի, ― ասացի ես։
 +
 +
― Այստեղ եմ, tenente:
 +
 +
Ամբոխը նրան մի փոքր առաջ էր հրել։ Ոչ ոք չի խոսում։ Աշխատում էին հնրավորին չափ շուտ անցնել կամուրջը և միայն այդ մասին էին մտածում։ Մենք գրեթե անցել էինք։ Կարմջի երկու ծայրերին, ձեռքներին լապտերներ բռնած, կանգնած էին մի քանի սպաներ ու կարաբինավորներ։ Երկնքի ֆոնի վրա երևում էին նրանց ուրվանկարները։ Երբ մոտեցանք, տեսա, թե ինչպես սպաներից մեկը ցույց տվեց զորասյան մեջ քայլող մի մարդու։ Կարաբինավորը գնաց, բռնեց այդ մարդու թևից, բերեց ու դուրս հանեց ճանապարհից։ Մենք գրեթե հասել էինք սպաներին։ Նրանք ուշադիր զննում էին զորասյան մեջ քայլողներին, երբեմն խոսում իրար հետ, առաջ անցնում և լուսավորում որևէ մեկի դեմքը։ Դեռ լրիվ չէինք մոտեցել, երբ մեկ ուրիշին էլ բռնեցին։ Փոխգնդապետ էր։ Երբ նրան լապտերով լուսավորեցին, տեսա թևի աստղերը։ Սպիտակ մազեր ուներ, և կարճահասակ էր ու գիրուկ։ Կարաբինավորները նրան ևս դուրս հանեցին ճանապարհից։ Երբ հավասարվեցինք սպաներին, նրանք ինձ էին նայում։ Հետո նրանցից մեկը մատնացույց արեց ինձ և ինչ֊որ բան ասաց կարաբինավորին։ Տեսա, որ կարաբինավորը զորասյան ծայրից ճամփա բացելով ուղղվեց իմ կողմը, հետո զգացի, որ բռնեց օձիքիցս։
 +
 +
― Ի՞նչ է պատահել, ― ասացի ես։ ― Նա չպատասխանեց։ Հարմար առիթ էր փնտրում ինձ բռնելու համար։ Ձեռքս տարա մեջքիս, որպեսզի ատրճանակ հանեմ։ ― Ինչ է, չգիտե՞ս, որ իրավունք չունես սպային ձեռք տալ։
 +
 +
Երկրորդը ետևից բռնեց թևս և այնպես ոլորեց, որ քիչ էր մնում կոտրեր․ ես շուռ եկա, բայց առաջինը հարձակվեց ու բռնեց վզիցս։ Ոտքերով խփեցի նրան և ձախ ձեռքով հարվածեցի աճուկներին։
 +
 +
― Եթե դիմադրի, կրակեցեք, ― ասաց ինչ֊որ մեկը։
 +
 +
― Սա ի՞նչ բան է, ― փորձեցի գոռալ ես, բայց ձայնս բարձր չհնչեց։ Ինձ էլ դուրս հանեցին ճանապարհից։
 +
 +
― Եթե դիմադրի, կրակեցեք, ― ասաց սպաներից մեկը։ ― Տարեք։
 +
 +
― Ովքե՞ր եք դուք։
 +
 +
― Հետո կիմանաք։
 +
 +
― Ովքե՞ր եք դուք։
 +
 +
― Դաշտային ոստիկանություն, ― ասաց մի ուրիշ սպա։
 +
 +
― Ինչո՞ւ ինքնաթիռներ ուղարկելու փոխարեն չխնդրեցիք, որ մոտենամ։
 +
 +
― Չպատասխանեցին։ Պարտավոր չէին պատասխանելու։ Դաշտային ոստիկանությունն էր։
 +
 +
― Տարեք մյուսների մոտ, ― ասաց առաջին սպան։ ― Լսեցի՞ք։ Օտարի նման է իտալերեն խոսում։
 +
 +
― Դու էլ ես այդպես խոսում, սրիկայի մեկը, ― ասացի ես։
 +
 +
― Մյուսների մոտ տարեք, ― ասաց առաջին սպան։
 +
 +
Ինձ անցկացրին սպաների կողքով, դուրս հանեցին ճանապարհից և տարան գետափնյա դաշտը, որտեղ մի խումբ մարդիկ էին կանգնած։ Քայլելու ժամանակ կրակոցի ձայներ լսվեցին։ Տեսա հրացանների բռնկումն ու լսեցի համազարկի ձայները։ Մոտեցանք խմբին։ Չորս սպաներ կանգնել էին կողք֊կողքի և նրանց առջև, երկու կարաբինավորների մեջտեղում՝ մի մարդ։ Քիչ հեռվում, կարաբինավորների հսկողության տակ, մի խումբ մարդիկ էին սպասում։ Չորս կարաբինավորներ, իրենց հրացաններին հենված, կանգնել էին հարցաքննող սպաների մոտ։ Նրանք լայնեզր գլխարկներ էին դրել։ Ինձ հրեցին հարցաքննության սպասող մարդկանց խմբի մոտ։ Նայեցի հարցաքննվողին։ Դա այն փոքրամարմին, գիրուկ ու ալեհեր փոխնդապետն էր, ում քիչ առաջ ձերբակալել էին զորասյան մեջ։ Սպաները հարցաքննում էին գործնական ու սառը տոնով, այն իտալացիների ինքնազսպությամբ, որոնք կրակում են, բայց գիտեն, որ իրենց վրա չեն կրակի։
 +
 +
― Ո՞ր բրիգադից եք։
 +
 +
Նա պատասխանեց։
 +
 +
― Ինչո՞ւ ձեր գնդի հետ չեք։
 +
 +
Նա պատասխանեց։
 +
 +
― Մի՞թե ձեզ հայտնի չէ, որ սպան պետք է միշտ իր զորամասի հետ լինի։
 +
 +
― Հայտնի է։
 +
 +
Այսքան։ Հիմա մի ուրիշ սպա խոսեց։
 +
 +
― Ձեր և ձեր նմանների պատճառով է, որ բարբարոսները ներխուժել են մեր հայրենիքի սրբազան հողը։
 +
 +
― Ներեցեք, ― ասաց գնդապետը։
 +
 +
― Ձեր նմանների դավաճանության պատճառով է, որ մենք կորցրինք մեր հաղթանակի պտուղները։
 +
 +
― Դուք երբևիցե նահանջե՞լ եք, ― հարցրեց փոխգնդապետը։
 +
 +
― Իտալացիներն իրավունք չունեն նահանջելու։
 +
 +
Մենք, անձրևի տակ կանգնած լսում էինք նրանց խոսակցությունը։ Մենք կանգնել էինք սպաների դիմաց, իսկ հարցաքննվողը՝ մեր առջև, խմբի ծայրին։
 +
 +
― Եթե մտադիր եք ինձ գնդակահարել, ― ասաց փոխգնդապետը, ― խնդրում եմ միանգամից գնդակահարել, առանց նորից հարցաքննելու։ Անհեթեթ էր այս հարցաքննությունը։ ― Նա խաչակնքեց։ Սպաներն սկսեցին խոսել իրար հետ։ Նրանցից մեկը ինչ֊որ բան գրեց ծոցատետրի մեջ։
 +
 +
― Լքել է իր զորամասը, պետք է գնդակահարվի, ― ասաց նա։
 +
 +
Երկու կարաբինավորները փոխգնդապետին տարան գետափ։ Նա ծեր էր, գլխաբաց քայլում էր անձրևի տակ, երկու կարաբինավորների մեջտեղում։ Չնայեցի, թե ինչպես գնդակահարեցին նրան, բայց լսեցի համազարկը։ Սպաներն արդեն հաջորդին էին հարցաքննում։ Այս սպան ևս հեռացել էր իր զորամասից։ Չթողեցին, որ բացատրություն տա։ Երբ կարդացին ծոցատետրի էջերից մեկի վրա գրված դատավճիռը, նա լաց եղավ ու մինչև գետափ շարունակեց լաց լինել, իսկ երբ նրան գնդակահարեցին, արդեն հաջորդին էին հարցաքննում։ Հենց որ որևէ մեկին գնդակահարում էին գետափի մոտ, սպաներն շտապում էին հաջորդին հարցաքննել։ Եվ այսպիսով պարզ դարձավ, որ նրանք ուրիշ ոչինչ չեն կարող անել։ Ես չգիտեի հարցաքննությա՞ն սպասել, թե՞ անմիջապես փախուստի փորձ անել։ Միանգամայն պարզ էր, որ ես իտալական համազգեստ հագած գերմանացի եմ։ Ես գիտեի, թե նրանց խելքն ինչպես էր աշխատում, եթե իհարկե, աշխատում էր ու եթե ընդհանրապես խելք ունեին։ Երիտասարդ սպաներ էին, և նրանք փրկում էին իրենց հայրենիքը։ Տալյամենտոյի մոտ երկրորդ բանակն էր վերակազմավորվում։ Նրանք գնդակահարում էին մայորներին ու ավելի բարձրաստիճան սպաներին, որոնք հեռացել էին իրենց զորամասերից։ Նույն ձևով էլ դատաստան էին տեսնում իտալական համազգեստ հագած գերմանացի ագիտատորների հետ։ Նրանք պողպատե սաղավարտ էին հագել (մեզնից միայն երկու հոգի այդպիսի սաղավարտ ունեին, ինչպես նաև կարաբինավորներից մի քանիսը)։ Իսկ մյուսները՝ լայնեզր գլխարկ էին դրել։ Մենք նրանց կոչում էինք ինքնաթիռներ։ Կանգնել էինք անձրևի տակ, և հերթով մեզ տանում էին հարցաքննելու և գնդակահարելու։ Մինչև հիմա բոլոր հարցաքննվողներին գնդակահարել էին։ Հարցաքննում էին չտեսնված անկիրթ ու անտարբեր, այն մարդկանց նվիրական օրինապահությամբ, որոնք տնօրինում են ուրիշի կյանքը, իսկ իրենց կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։ Հիմա հարցաքննում էին գծային գնդի գնդապետին։
 +
 +
― Որտե՞ղ է ձեր գունդը։
 +
 +
Նայեցի կարաբինավորներին։ Նրանք նայում էին նոր ձերբակալվածներին։ Մյուսները նայում էին գնդապետին։ Ես կռացա, դուրս թռա երկու կարաբինավորների արանքից և, գլուխս հակած, վազեցի դեպի գետը։ Գետափի մոտ սայթաքեցի և շրմփոցով ընկա ջուրը։ Գետը շատ սառն էր, և ինչքան որ հնարավոր էր դիմանալ, մնացի ջրի տակ։ Զգացի, որ հոսանքը տանում էր ինձ և այնքան ժամանակ մնացի տակը, մինչև գլխի ընկա, որ այլևս չեմ կարողանալու ջրի երես դուրս գալ։ Դուրս եկա, խորը շունչ քաշեցի ու անմիջապես նորից ջրի տակ մտա։ Համազգեստով ու կոշիկներով դժվար չէր ջրի տակ մնալ։ Երբ երկրորդ անգամ դուրս եկա տակից, մի գերան նկատեցի առջևում, լողալով հասա ու մի ձեռքով բռնեցի այն։ Գլուխս թաքցրի գերանի տակ և փորձ էլ չարեցի վրայից նայելու։ Չէի ուզում ափը տեսնել։ Վազելիս ու առաջին անգամ ջրի երես դուրս գալու ժամանակ կրակոցի ձայներ լսեցի։ Այդ ձայնը լսվում էր նաև ջրի մակերեսի մոտ։ Հիմա կրակոց չկար։ Գերանը ճոճվում էր ջրի վրա, ու ես մի ձեռքով բռնել էի այն։ Նայեցի դեպի ափը։ Թվում էր, թե ափը շատ արագ էր շարժվում։ Գետի վրա մեծ քանակությամբ փայտեր էին լողում։ Ջուրը շատ սառն էր։ Մենք անցանք թփուտներով ծածկված կղզյակի մոտով։ Երկու ձեռքով բռնեցի գերանը և թողեցի, որ տանի ինձ։ Հիմա ափն արդեն չէր երևում։
 +
 +
 +
==Գլուխ 31==
 +
 +
Եթե հոսանքն արագ է, երբեք չես իմանա, թե որքան ժամանակ ես գետում մնացել։ Թվում է՝ շատ երկար, մինչդեռ իրականում՝ գուցե և շատ կարճ։ Ջուրը սառն էր ու վարար, հեղեղը սրբել տարել էր այն ամենն, ինչ ընկած էր եղել ափին, և հիմա հազար ու մի բան էր լողում ջրի վրա։ Բարեբախտաբար, գերանը ծանր էր, ու ես պառկեցի սառը ջրի վրա, ծնոտս դրի փայտին ու փորձեցի հնարավորին չափ թեթև բռնել այն։ Վախենում էի ջղաձգությունից և շատ էի ուզում, որ հոսանքը մեզ ափ գցեր։ Լողում էինք երկար կորագծով։ Բավական լուսացել էր, և արդեն երևում էին գետափնյա թփերը։ Առջևում թփուտներով ծածկված մի կղզի կար, և հոսանքը հիմա քշում էր դեպի ափը։ Ուզում էի զգեստս ու կոշիկներս հանել և լողալով ափ հասնել, բայց հրաժարվեցի այդ մտքից։ Ես միայն մի բանի մասին էի մտածում․ եթե մի կերպ ափ ելնեմ, դժվար կլինի առանց կոշիկների։ Հարկավոր էր մի կերպ Մեստրե հասնել։
 +
 +
Ափը մեկ մոտենում էր, մեկ տատանվելով հեռանում, մեկ նորից մոտենում։ Հիմա մենք ավելի դանդաղ էինք լողում։ Ափը մոտ էր։ Նույնիսկ ուռենու ճյուղերն էին երևում։ Գերանը դանդաղ շուռ եկավ, ափը մնաց ետևում, ու ես հասկացա, որ ջրապտույտի մեջ ենք ընկել։ Մենք դանդաղ պտտվում էինք ջրում։ Երբ ափը նորից երևաց շատ մոտիկից, փորձեցի մի ձեռքով բռնել գերանից, իսկ մյուս ձեռքով և ոտքերի օգնությամբ՝ քշել դեպի ափը, բայց չկարողացա գերանը ափին հասցնել։ Վախենում էի, որ հոսանքն ինձ նորից ջրապտույտի մեջ գցի և, մի ձեռքով գերանից բռնած, ոտքերս այնպես ձգեցի, որ կպան փայտին, և ամբողջ ուժով հրեցի դեպի ափը։ Տեսնում էի թփուտները, բայց չնայած իներցիային և իմ թափած ջանքերին, հոսանքը մեզ մի կողմ էր քշում։ Մտածում էի, որ կխեղդվեմ կոշիկներիս պատճառով, բայց անընդհատ խփում էի ոտքերով, պայքարում ջրի հետ, ու երբ հայացքս բարձրացրի, տեսա թե ինչպես էր ափը ընդառաջ գալիս ինձ և, հաղթահարելով ոտքերիս ահավոր ծանրությունը, շարունակեցի լողալ մինչև ափը։ Կախվեցի ուռենու ճյուղերից, բայց ուժ չունեի ջրից դուրս գալու, թեև գիտեի, որ արդեն խեղդվելու վտանգ չկար։ Գերանի վրա մտքովս անգամ չէր անցնում, որ կարող եմ խեղդվել։ Լարվածությունից սիրտս խառնում էր, կրծքավանդակս ճմլվել էր և ուռենու ճյուղից բռնած, սպասում էի։ Երբ սրտխառնոցս անցավ, մի փոքր ձգվեցի դեպի ափը, հետո ամուր կառչեցի ճյուղից ու նորից հանգստացա։ Հետո դուրս եկա ջրից, անցա ուռենիների միջով ու հայտնվեցի ափին։ Արդեն գրեթե լույս էր, ու ոչ ոք չէր երևում։ Երեսնիվայր պառկեցի գետնին, ականջ դնելով գետի ու անձրևի աղմուկին։
 +
 +
Քիչ անց վեր կացա և քայլեցի գետափով։ Գիտեի, որ մինչև Լատիզանա ոչ մի կամուրջ չկար։ Ինձ թվում էր, թե դիմացում մի ջրանցք կար, որ թափվում էր գետը։ Գնացի այնտեղ։ Ոչ ոք չկար շուրջը, և ես նստեցի մերձափնյա թփուտների տակ, հանեցի կոշիկներս ու թափեցի ջուրը։ Հանեցի նաև բաճկոնս, ծոցագրպանից վերցրի թրջված դրամապանակս, որի մեջ փաստաթղթեր և թղթադրամներ կային, հետո քամեցի բաճկոնս։ Հանեցի տաբատս, դա էլ քամեցի, իսկ հետո՝ շապիկս ու ներքնազգեստներս։ Երկար ժամանակ ձեռքով խփում, շփում էի մարմնիս։ Իսկ հետո նորից հագնվեցի։ Գլխարկս կորցրել էի։
 +
 +
Բաճկոնը հագնելուց առաջ թևի վրայից պոկեցի մահուդե աստղերը և, փողերի հետ միասին, դրեցի գրպանս։ Փողերը թրջված էին, բայց անվնաս էին մնացել։ Հաշվեցի։ Երեք հազար լիրայից ավելի էր։ Հագուստներս թաց էին և կպչուն, ու ես անընդհատ թափահարում էի ձեռքերս, որպեսզի արյան շրջանառությունն արագանար։ Բրդյա սպիտակեղեն էի հագել ու մտածում էի, որ եթե անընդհատ շարժման մեջ լինեմ, չեմ հիվանդանա։ Ատրճանակը վերցրել էին ճանապարհին, ու պատյանը խրել էի գոտուս մեջ։ Թիկնոց չունեի, և ցուրտ էր անձրևի տակ։ Քայլեցի ջրանցքի ափով։ Արդեն լրիվ լույս էր, և շուրջն ամեն ինչ թաց էր, հարթ ու տրտում։ Դաշտերը մերկ էին ու թաց։ Հեռու դաշտում մի զանգակատուն էր ձգվում դեպի երկինք։ Դուրս եկա ճանապարհ։ Տեսա հետևակների մի ջոկատ, որն ընդառաջ էր գալիս ինձ։ Կաղալով քայլում էի ճամփեզրին, ու զինվորներն անցան իմ կողքից և ուշադրություն չդարձրին ինձ վրա։ Դա գնդացրորդների ջոկատ էր, որ գնում էր դեպի գետը։ Շարունակեցի քայլել։
 +
 +
Այդ օրը ես անցա վենետիկյան հարթավայրը։ Տափարակ ու ցածր տեղանք էր, որն անձրևի տակ էլ ավելի հարթ էր թվում։ Ծովի մոտ աղի ճահճուտներ կային, իսկ ճանապարհները շատ քիչ էին։ Բոլոր ճանապարհներն անցնում էին գետաբերանով ու գնում դեպի ծովը, և հարթավայրը կտրելու համար անհրաժեշտ էր քայլել ջրանցքների ափերին ընկած արահետներով։ Անցա հարթավայրը, հյուսիսից հարավ հասա, կտրեցի բազմաթիվ ճանապարհներ ու երկու երկաթուղագիծ և, վերջապես, արահետներից մեկն ինձ հասցրեց այն երկաթգծին, որն անցնում էր ճահճուտների մոտով։ Դա Տրիեստ֊վենետիկյան գլխավոր երկաթգիծն էր, որն ուներ բարձր և ամուր հողաթմբեր, լայն պաստառ ու զույգ գծեր։ Քիչ այն կողմ մի կիսակայարան կար, որտեղ ժամապահներ էին կանգնած։ Իսկ հակառակ կողմում՝ մի կամուրջ էր անցնում գետի վրայով, որը թափվում էր ճահճուտները։ Կամրջի մոտ ևս ժամապահ կար։ Երբ դաշտի միջով քայլեցի դեպի հյուսիս, տեսա, թե ինչպես այդ երկաթգծով մի գնացք անցավ։ Հարթավայրում հեռվից գնացքը լավ էր երևում, ու ինձ թվաց, թե Պորտոգրուարոյի կողմից էր գալիս։ Նայեցի ժամապահներին, պառկեցի հողաթմբի վրա, որպեսզի երկու կողմից էլ կարողանայի տեսնել ճանապարհը։ Կամրջի մոտ կանգնած ժամապահը ռելսերի վրայով մի քանի քայլ արեց իմ ուղղությամբ, հետո շրջվեց ու վերադարձավ դեպի կամուրջը։ Սոված պառկել, գնացքի էի սպասում։ Առաջին գնացքն այնքան երկար էր, որ շոգեքարշը շատ դանդաղ էր շարժվում, ու ես վստահ էի, որ կկարողանայի հեշտությամբ թռչել ընթացքի ժամանակ։ Երբ արդեն գրեթե կորցրել էի հույսս, տեսա մոտեցող գնացքը։ Շոգեքարշը, հետզհետե խոշորանալով, գալիս էր ուղիղ ինձ վրա։ Նայեցի ժամապահին։ Նա քայլում էր կամրջի մոտիկ ծայրին, բայց՝ գծերի մյուս կողմում։ Այնպես որ գնացքը ծածկելու էր ինձ։ Հետևում էի շոգեքարշին, որը ծանր փնչում էր։ Տեսա, որ վագոնները շատ էին։ Գիտեի, որ գնացքում անպայման ժամապահներ կլինեն, և ուզում էի գտնել նրանց, բայց չկարողացա, վախենում էի, որ կնկատեն ինձ։ Շոգեքարշը գրեթե հավասարվեց այն հողաթմբին, որի վրա պառկել էի ես։ Երբ շոգեքարշը, որը հարթ տեղում անգամ փնչում էր ծանրորեն, անցավ իմ առջևից, և մեքենավարն արդեն չէր կարող ինձ տեսնել, ես վեր կացա ու մոտեցա վագոններին։ Եթե պահակախումբը պատուհաններից հետևում էր ինձ, ապա ռելսերի մոտ կանգնած մարդը ավելի քիչ կասկած կարող էր հարուցել։ Մի քանի փակ բեռնատար վագոններ անցան իմ առջևից։ Հետո նկատեցի բրեզենտով ծածկված մի ցածրիկ ու բաց վագոն, որոնց այստեղ կոչում էր գոնդոլներ։ Ահա ուր որ է պիտի հեռանար, երբ ես ձեռքս տարա վերջամասի բռնակին, թռա ու ձգվեցի դեպի վեր։ Հետո ելա գոնդոլն ու հաջորդ բեռնատար փակ վագոնը միացնող հարթակի վրա։ Գրեթե վստահ էի, որ ինձ չեն նկատել։ Նստեցի, կառչեցի բռնակին ու ոտքերս հենեցի կցակեռին։ Գրեթե մոտեցել էինք կամրջին։ Հիշեցի ժամապահին։ Գոնդոլը անցավ նրա կողքից, ու նա նայեց ինձ։ Փոքր տղա էր, և սաղավարտը շատ մեծ էր նրա գլխին։ Ես արհամարհանքով նայեցի նրան, ու նա շուռ եկավ։ Երևի կարծեց, որ գնացքի անձնակազմից եմ։
 +
 +
Գոնդոլը հեռացավ կամրջից։ Տեսա, որ նա դեռևս անհանգստությամբ հետևում էր մյուս վագոններին, ու ես կռացա և ստուգեցի, թե բրեզենտն ինչպես էր ամրացված։ Ծայրերին օղակներ կային, իսկ օղակների միջով պարան էր անցնում։ Հանեցի դանակս, կտրեցի պարանը և ձեռքս խոթեցի բրեզենտի մեջ։ Վագոնի պատը թրջվել էր անձրևից և տեղ֊տեղ ուռել։ Բարձրացրի հայացքս ու նայեցի առաջ։ Հաջորդ վագոնի հարթակին մի ժամապահ էր կանգնած, բայց նա ուրիշ կողմ էր նայում։ Թողեցի բռնակը և մտա բրեզենտի տակ։ Ճակատս ինչ֊որ բանի կպավ, աչքերս մթնեցին ու դեմքիս վրա արյուն զգացի, բայց և այնպես մի կերպ տեղավորվեցի ու պառկեցի կողքի վրա։ Հետո շուռ եկա և նորից ամրացրի բրեզենտը։
 +
 +
Բրեզենտի տակ զենքեր կային, ու ես զենքերի կողքին էի պառկած։ Յուղի ու նավթի մաքուր հոտ էր գալիս։ Պառկած լսում էի բրեզենտի վրա թափվող անձրևի ձայնն ու անիվների աղմուկը։ Բրեզենտից թեթև լույս էր թափանցում, ու ես պառկած նայում էի զենքերին։ Զենքերին շապիկ էին հագցրել։ Երևի երրորդ բանակն էին ուղարկում։ Ճակատիս ուռուցք գոյացավ։ Ես անշարժ պառկեցի, որպեսզի արյունը մակարդվի։ Մակարդվելուց հետո պոկեցի չորացած արյունը, բայց վերքին ձեռք չտվի։ Չէր ցավում։ Թաշկինակ չունեի, բայց բրեզենտից կաթկթող անձրևաջրով հանեցի չորացած արյան մնացորդները և թևով սրբեցի։ Իմ արտաքինը չպետք է կասկածանքի առիթ տա։ Գիտեի, որ մինչև Մեստրե պետք է ցատկեի գնացքից, որովհետև կգան և կստուգեն զենքերը։ Զենքն այնքան քիչ էր, որ չէր կարելի ոչ կորցնել, ոչ մոռանալ։ Սարսափելի սոված էի։
 +
 +
 +
==Գլուխ 32==
 +
 +
Թրջված, մրսած ու սոված պառկել էի բրեզենտով ծածկված վագոնի հատակին, զենքերի կողքին։ Վերջիվերջո շուռ եկա, պառկեցի փորիս և գլուխս դրեցի թևերիս վրա։ Ծունկս անզգայացել էր, բայց և այնպես դժգոհելու առիթ չունեի։ Վալենտինը հիանալի վիրահատեց։ Նահանջի կեսը ոտքով եմ անցել և Տայլամենտոյի մի մասը լողացել եմ նրա ծնկով։ Եվ դա իսկապես նրա ծունկն էր։ Իսկ մյուսն՝ իմն էր։ Բժիշկները հազար ու մի բան են քչփորում քո մեջ, և դրանից հետո մարմինդ արդեն քեզ չի պատկանում։ Գլուխս իմն էր, ստամոքս իմն էր։ Շատ քաղցած էր ստամոքսս։ Զգում էի, թե ինչպես էր տակնուվրա լինում։ Գլուխս իմն էր, բայց ոչ աշխատում էր, ոչ էլ մտածում։ Հիշում էր միայն, այն էլ՝ քիչ։
 +
 +
Կարող էի Կետրինին հիշել, բայց գիտեի, որ կգժվեմ, եթե հիշեի՝ առանց իմանալու, թե արդյոք նորից կտեսնեմ նրան, ու ես փորձում էի չմտածել նրա մասին քիչ, քիչ մտածել, մտածել միայն դանդաղ շարժվող անիվների աղմուկի տակ, և բրեզենտից թեթև լույս է ներս թափանցում, և ես Կետրինի հետ պառկած եմ վագոնի հատակին։ Դժվար է կոշտ հատակին պառկել, չմտածել ու միայն զգալ, և շատ երկար էր բաժանումը, և շատ թաց էին հագուստներս, և հատակի տախտակները ցնցվում էին երբեմն, և թախիծ էր ինձ պատել, և ես մենակ էի իմ թաց զգեստների մեջ, և կոշտ տախտակներ՝ կնոջ փոխարեն։
 +
 +
Անհնար է սիրել բեռնատար վագոնի տախտակե հատակը կամ բրեզենտե շապիկ հագած և յուղի ու մետաղի հոտ արձակող զենքերը և կամ բրեզենտը, որից անձրև է կաթկթում, թեև շատ հաճելի է բրեզենտի տակ ու զենքերի կողքին պառկելը։ Բայց դու սիրում ես մեկին, որին չես կարող պատկերացնել այստեղ։ Հիմա դու շատ սառն ու պարզ հայացքով ես տեսնում ամեն ինչ։ Ոչ թե սառը, այլ պարզ ու դատարկ հայացքով։ Հիմա, երբ արդեն տեսել ես, թե ինչպես էր բանակներից մեկը նահանջում, իսկ մյուսը՝ հարձակվում, պառկել ես փորիդ վրա, ու նայում ես դատարկ հայացքով։ Դու կորցրիր քո մեքենաները, կորցրիր քո մարդկանց, ինչպես գործակատարն է հրդեհի ժամանակ կորցնում իր բաժին ապրանքները։ Սակայն ունեցվածքը ապահովագրված չէր։ Հիմա դու ազատ ես։ Այլևս ոչ մի պարտականություն չունես։ Եթե հրդեհից հետո գործակատարներին գնդակահարում են միայն նրա համար, որ նրանք օտար առոգանությամբ են խոսում, որով միշտ են խոսել, ուրեմն ոչ ոք իրավունք չունի կարծելու, որ, եթե խանութը բացվի, գործակատարները կվերադառնան։ Նրանք ուրիշ աշխատանք կփնտրեն, եթե, իհարկե, կա ուրիշ աշխատանք, ու եթե ոստիկանությունը չի ձերբակալի նրանց։
 +
 +
Գետը սրբեց տարավ ոչ միայն պարտականության զգացումը, այլ նաև՝ զայրույթը։ Ավելի ճիշտ, այդ զգացումը վերացավ դեռևս այն ժամանակ, երբ կարաբինավորի ձեռքը բռնեց օձիքիցս։ Կուզենայի հանել համազգեստս, թեև երբեք ուշադրություն չեմ դարձրել արտաքին կողմի վրա։ Ճիշտ է, աստղերը պոկեցի, բայց միայն ի սեր հարմարության։ Դա պատվի հարց չէր։ Ոչ ոքի հանդեպ ոխ չունեի։ Պարզապես ինձ համար ամեն ինչ վերջացել էր։ Հաջողություն եմ ցանկանում նրանց։ Նրանց մեջ կային և բարիներ, և քաջեր, և զուսպ մարդիկ, և խելամիտ մարդիկ, ու նրանք արժանի էին այդ մաղթանքին։ Բայց դա ինձ հետ այլևս կապ չուներ, ու ես ցանկանում էի, որ այս անիծյալ գնացքը շուտ հասներ Մեստրե, այն ժամանակ ես կուտեմ ու էլ չեմ մտածի։
 +
 +
Պիանին կասի, որ ինձ գնդակահարեցին։ Նրանք խուզարկում են գնդակահարվածների գրպանները և վերցնում փաստաթղթերը։ Իմ փաստաթղթերը չեն ստանա։ Գուցե համարեն, որ խեղդվել եմ գետում։ Հետաքրքիր է, ի՞նչ կհաղորդեն Միացյալ Նահանգներ։ Մեռավ վերքերի ու այլ պատճառների հետևանքով։ Աստված իմ, սոված եմ։ Հետաքրքրիր է, ի՞նչ եղավ մեր գնդի քահանան։ Եվ Ռինալդին։ Նա երևի Պորդենոնեում է։ Եթե ավելի հեռու չեն նահանջել։ Էլ ինչ, ես այլևս երբեք չեմ տեսնի նրան։ Նրանցից ոչ մեկին այլևս չեմ տեսնի։ Այդ կյանքն ավարտվեց։ Չեմ կարծում, որ սիֆիլիս ունենա։ Համենան դեպս, ասում են, որ դա այնքան էլ լուրջ հիվանդություն չէ, եթե ժամանակին հայտնաբերեն, բայց նա անհանգստանում է։ Ես էլ կանհանգստանայի։ Ամեն մարդ կանհանգստանար։
 +
 +
Ես ստեղծված չեմ մտածելու համար։ Ստեղծված եմ ուտելու համար։ Աստված վկա, ուտել, խմել ու պառկել Կետրինի հետ։ Գուցե հենց ա՛յս գիշեր։ Ոչ, դա անհնար է։ Ուրեմն՝ վաղը գիշեր, և լավ ընթրիք, և սավաններ, և այլևս երբեք չբաժանվել, և միշտ միասին ապրել։ Ըստ երևույթին, ստիպված կլինենք անմիջապես հեռանալ։ Նա կգա։ Գիտեի, որ կգա։ Պետք է մտածել։ Արդեն մթնում էր։ Պառկել մտածում էի, թե ուր գնանք։ Շատ տեղեր կային գնալու։
 +
 +
 +
= Գիրք չորրորդ =
 +
 +
==Գլուխ 33==
 +
 +
Վաղ առավոտյան, լուսաբացից առաջ, երբ գնացքը Միլանի կայարանի մոտ դանդաղեցրեց ընթացքը, ես թռա վագոնից։ Անցա ռելսերի վրայով, հայտնվեցի ինչ֊որ շինությունների արանքում, ապա դուրս եկա փողոց։ Գինետներից մեկը բաց էր, ու ես ներս մտա մի բաժակ սուրճ խմելու։ Վաղ առավոտվա, ավլված փոշու, սրճի բաժակների մեջ դրված գդալների ու սեղանի վրա գինու գավաթների թողած հետքերի հոտերն էին տարածվել շուրջը։ Վաճառասեղանի առջև կանգնել էր գինետան տերը։ Սեղաններից մեկի մոտ երկու զինվոր էին նստած։ Մոտեցա վաճառասեղանին, մի բաժակ սուրճ խմեցի ու մի կտոր հաց կերա։ Սուրճը մոխրագույն էր դարձել կաթից, ու ես հացի կեղևով հանեցի փրփուրը։ Տերն ինձ նայեց։
 +
 +
― Գրապպա չե՞ք ուզում։
 +
 +
― Ոչ, շնորհակալություն։
 +
 +
― Իմ հաշվին, ― ասաց նա, մի փոքրիկ բաժակ լցրեց ու մոտեցրեց ինձ։ ― Ի՞նչ նորություն կա ճակատում։
 +
 +
― Չգիտեմ։
 +
 +
― Նրանք հարբած են, ― ասաց նա, ցույց տալով սեղանի մոտ նստած զինվորներին։ Կարելի էր հավատալ նրա խոսքին։ Նրանք իսկապես հարբած էին երևում։
 +
 +
― Պատմեք, ― ասաց նա։ ― Ի՞նչ է կատարվում ճակատում։
 +
 +
― Ես ոչինչ չգիտեմ ճակատի մասին։
 +
 +
― Տեսա, թե դուք ինչպես իջաք։ Թռաք գնացքից։
 +
 +
― Նահանջում են։
 +
 +
― Կարդում եմ թերթերը։ Իսկ ի՞նչ է կատարվում։ Վերջացա՞վ։
 +
 +
― Դժվար թե։
 +
 +
Նա կարճլիկ շշից գրապպա լցրեց բաժակի մեջ։
 +
 +
― Եթե ինչ֊որ բան կարգին չէ, ― ասաց նա, ― ես կարող եմ թաքցնել ձեզ։
 +
 +
― Ամեն ինչ կարգին է։
 +
 +
― Եթե կարգին չէ, այստեղ ապրեք։
 +
 +
― Այստե՞ղ։
 +
 +
― Իմ տանը։ Այստեղ շատերն են ապրում։ Ում գործերը որ կարգին չեն, ինձ մոտ են մնում։
 +
 +
― Եվ ի՞նչ, շատերի՞ գործերը կարգին չեն։
 +
 +
― Նայած, թե ինչ նկատի ունեք։ Դուք Հարավային Ամերիկայի՞ց եք։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Իսպաներեն գիտե՞ք։
 +
 +
― Մի քիչ։
 +
 +
Նա սրբեց վաճառասեղանը։
 +
 +
― Հիմա դժվար է սահմանն անցնել, բայց և այնպես հնարավոր է։
 +
 +
― Ես մտադիր չեմ սահմանն անցնելու։
 +
 +
― Կարող եք այստեղ մնալ ինչքան ուզեք։ Կտեսնեք, թե ես ինչ մարդ եմ։
 +
 +
― Հիմա ես պետք է գնամ, բայց կհիշեմ հասցեն ու կվերադառնամ։
 +
 +
Նա շարժեց գլուխը։
 +
 +
― Եթե այդ ձևով եք խոսում, ուրեմն, չեք վերադառնա։ Իսկ ես կարծում էի, թե ձեր գործերն իսկապես կարգին չեն։
 +
 +
― Կարգին են։ Բայց ինձ համար թանկ է բարեկամի հասցե ունենալ։
 +
 +
Տասը լիրա դրեցի վաճառասեղանին՝ սրճի գինը։
 +
 +
― Գրապպա խմեք ինձ հետ, ― ասացի ես։
 +
 +
― Պարտադիր չէ։
 +
 +
― Խմեք։
 +
 +
Նա երկու բաժակ լցրեց։
 +
 +
― Հիշեք, ― ասաց նա։ ― Եկեք ինձ մոտ։ Ոչ ոքի չվստահեք։ Այստեղ դուք լավ կզգաք։
 +
 +
― Չեմ կասկածում։
 +
 +
― Չե՞ք կասկածում։
 +
 +
― Այո։
 +
 +
Նա լուրջ տեսք ուներ։
 +
 +
― Այդ դեպքում, թույլ տվեք մի բան ասել։ Այս համազգեստով ման չգաք։
 +
 +
― Ինչո՞ւ։
 +
 +
― Թևերի վրա պարզ երևում են պոկված աստղերի տեղերը։ Կտորի գույնն ուրիշ է։
 +
 +
Չպատասխանեցի։
 +
 +
― Եթե փաստաթղթեր չունեք, կարող եմ տալ։
 +
 +
― Ի՞նչ փաստաթուղթ։
 +
 +
― Արձակուրդի։
 +
 +
― Կարիք չկա։ Փաստաթուղթ ունեմ։
 +
 +
― Դե լավ, ― ասաց նա։ ― Բայց եթե կարիք ունենաք, կարող եմ ամեն ինչ ճարել ձեզ համար։
 +
 +
― Իսկ ի՞նչ արժեն այդ փաստաթղթերը։
 +
 +
― Նայած։ Մատչելի գին է։
 +
 +
― Հիմա ոչ մի բանի կարիք չունեմ։
 +
 +
Նա թոթվեց ուսերը։
 +
 +
― Ինձ մոտ ամեն ինչ կարգին է։
 +
 +
Երբ դուրս էի գալիս, նա ասաց․
 +
 +
― Չմոռանաք, որ ես ձեր բարեկամն եմ։
 +
 +
― Չեմ մոռանա։
 +
 +
― Դեռ կհանդիպենք, ― ասաց նա։
 +
 +
― Այո, ― ասացի ես։
 +
 +
Դուրս եկա ու հեռացա կայարանից, որտեղ զինվորական ոստիկաններ կարող էին լինել, և փոքր զբոսայգու ցանկապատի մոտ կառք վարձեցի։ Կառապանին հիվանդանոցի հասցեն տվեցի։ Հիվանդանոց հասնելուց հետո մտա դռնապանի խցիկը։ Կինը համբուրեց ինձ։ Իսկ նա սեղմեց իմ ձեռքը։
 +
 +
― Վերադարձել եք։ Ողջ֊առողջ։
 +
 +
― Այո։
 +
 +
― Նախաճաշե՞լ եք։
 +
 +
― Այո։
 +
 +
― Ինչպե՞ս եք, tenente։ Ինչպե՞ս եք, ― հարցնում էր կինը։
 +
 +
― Հիանալի։
 +
 +
― Չե՞ք նախաճաշի մեզ հետ։
 +
 +
― Ոչ, շնորհակալություն։ Ասեք, խնդրում եմ, միսս Բարկլին հիմա հիվանդանոցո՞ւմ է։
 +
 +
― Միսս Բարկլի՞ն։
 +
 +
― Անգլիացի հիվանդապահուհին։
 +
 +
― Նրա աղջիկը, ― ասաց կինը։
 +
 +
Նա թփթփացրեց թևիս ու ժպտաց։
 +
 +
― Ոչ, ― ասաց դռնապանը։ ― Գնաց։
 +
 +
Սիրտս ճմլվեց։
 +
 +
― Հաստա՞տ գիտեք։ Ես հարցնում էի բարձրահասակ և խարտյաշ ջահել անգլուհու մասին։
 +
 +
― Հաստատ գիտեմ։ Գնացել է Ստրեզա։
 +
 +
― Ե՞րբ է գնացել։
 +
 +
― Երկու օր առաջ, մի ուրիշ անգլիացի հիվանդապահուհու հետ։
 +
 +
― Լավ, ― ասացի ես։ ― Ուզում եմ ձեզ մի բան խնդրել։ Ոչ ոքի չասեք, որ տեսել եք ինձ։ Դա շատ կարևոր է։
 +
 +
― Ոչ ոչի չեմ ասի։
 +
 +
Ես տասը լիրա տվեցի նրան։ Մա մի կողմ հրեց դրամը։
 +
 +
― Խոստանում եմ ոչ ոքի չասել, ― կրկնեց դռնապանը։ ― Փող պետք չէ։
 +
 +
― Ինչո՞ց կարող ենք օգնել, signor tenente, ― հարցրեց կինը։
 +
 +
― Միայն դրանով։
 +
 +
― Մենք համր ենք, ― ասաց դռնապանը։ ― Եթե որևէ բանի կարիք ունենաք, ձայն տվեք։
 +
 +
― Լավ, ― ասացի ես։ ― Ցտեսություն։ Կհանդիպենք դեռ։
 +
 +
Կանգնել էին դռան մեջ ու նայում էին իմ ետևից։
 +
 +
Կառք նստեցի ու կառապանին տվեցի Սիմոնսի հասցեն, իմ այն ծանոթի, որ երգեցողության դասեր էր առնում։
 +
 +
Սիմոնսը քաղաքի մյուս ծայրում էր ապրում, Պորտա Մաջենտայի մոտ։ Երբ սենյակ մտա, նա դեռ անկողնում էր և քնատ էր երևում։
 +
 +
― Չափազանց վաղ եք զարթնում, Հենրի, ― ասաց նա։
 +
 +
― Առավոտվա գնացքով եմ եկել։
 +
 +
― Սա ի՞նչ նահանջ է։ Ճակատում եղե՞լ եք։ Ուզո՞ւմ եք ծխել։ Սեղանի վրա է, տուփի մեջ։
 +
 +
Մեծ սենյակ էր, պատի տակ մահճակալ, դիմացը՝ դաշնամուր, զգեստապահարան և սեղան։ Նստեցի մահճակալի կողքի աթոռին։ Սիմոնսը, բարձերին հենված, ծխում էր։
 +
 +
― Վատ են գործերս, Սիմ, ― ասացի ես։
 +
 +
― Իմ գործերն էլ են վատ, ― ասաց նա։ ― Միշտ էլ վատ են։ Չե՞ք ուզում ծխել։
 +
 +
― Ոչ, ― ասացի ես։ ― Ի՞նչ է պետք Շվեյցարիա գնալու համար։
 +
 +
― Ո՞վ է ուզում գնալ, դո՞ւք։ Իտալացիները ձեզ չեն թողնի։
 +
 +
― Այո։ Գիտեմ։ Իսկ շվեյցարացինե՞րը։ Ի՞նչ կանեն շվեյցարացիները։
 +
 +
― Կներկալեն։
 +
 +
― Գիտեմ։ Բայց ո՞րն է դրա մեխանիկան։
 +
 +
― Առանձնապես ոչինչ։ Շատ պարզ բան է։ Ուր ուզեք՝ կարող եք գնալ։ Կարծեմ պետք է միայն տեղեկացնել կամ նման մի բան։ Ի՞նչ կա։ Ոստիկանությունը հետևո՞ւմ է ձեզ։
 +
 +
― Դեռ պարզ չէ։
 +
 +
― Մի ասեք, եթե չեք ուզում։ Բայց հետաքրքիր էր լսել։ Այստեղ ոչինչ չի պատահում։ Պյաչենայում խայտառակ կերպով տապալվեցի։
 +
 +
― Ցավում եմ։
 +
 +
― Օ, այո․․․ շատ վատ անցավ։ Չնայած լավ էի երգում։ Ուզում եմ մի անգամ էլ փորձել այստեղ, Լիրիկոնում։
 +
 +
― Ափսոս, որ չեմ կարող ներկա լինել։
 +
 +
― Դուք չափազանց քաղաքավարի եք։ Չլինի՞ իսկապես անախորժ պատմության մեջ եք ընկել։
 +
 +
― Չգիտեմ։
 +
 +
― Եթե չեք ուզում, մի ասեք։ Իսկ ինչո՞ւ եք այստեղ և ոչ թե այդ անիծյալ ռազմաճակատում։
 +
 +
― Որոշեցի վերջ տալ, արդեն բավական է։
 +
 +
― Կեցցեք։ Ես միշտ էլ գիտեի, որ ձեր գլուխն աշխատում է։ Կարո՞ղ եմ օգտակար լինել։
 +
 +
― Բայց դուք շատ եք զբաղված։
 +
 +
― Երբեք, իմ սիրելի Հենրի։ Երբեք։ Ուրախ կլինեմ, եթե զբաղվելու բան ունենամ։
 +
 +
― Մենք նույն հասակն ունենք։ Պիտի խնդրեի, որ գնայիք և քաղաքացիական զգեստներ գնեիք ինձ համար։ Ես ունեմ, բայց Հռոմում եմ թողել։
 +
 +
― Դուք այնտեղ ապրել եք, չէ՞։ Գարշելի տեղ է։ Ինչպե՞ս եք դիմացել։
 +
 +
― Ուզում էի ճարտարապետ դառնալ։
 +
 +
― Բնավ ճարտարապետ դառնալու տեղ չէ։ Ոչինչ էլ մի գնեք։ Ինչ որ պետք է, ինքս կտամ։ Ես ձեզ այնպես հագցնեմ, որ անճանաչելի դառնաք։ Հանդերձարան գնացեք։ Սիրելի բարեկամ, դուք ոչ մի բան գնելու կարիք չունեք։
 +
 +
― Բայց ավելի լավ է գնեմ, Սիմ։
 +
 +
― Սիրելի բարեկամ, ինձ համար ավելի հեշտ է տալ, քան գնալ առնել։ Անձնագիր ունե՞ք։ Առանց անձնագրի հեռու չեք գնա։
 +
 +
― Այո։ Պահել եմ հին անձնագիրս։
 +
 +
― Դե, ուրեմն, հագնվեք, սիրելի բարեկամ, և առաջ դեպի հին ու բարի Հելվեցիան։
 +
 +
― Դա այնքան էլ հեշտ չէ։ Նախ պետք է Ստրեզա գնամ։
 +
 +
― Դրանից լավ բա՞ն, սիրելի Բարեկամ։ Նավակ կնստեք և կանցնեք դիմացի ափը։ Եթե ես երգելու փորձեր չանեի, ձեզ հետ կգայի։ Եվ կգամ։
 +
 +
― Կարող եք տիրոլյան ոճի անցնել։
 +
 +
― Եվ կանցնեմ, սիրելի բարեկամ։ Չնայած լավ եմ երգում։ Ու տարօրինակն էլ հենց այդ է։
 +
 +
― Գլուխս կկտրեմ, եթե լավ չեք երգում։
 +
 +
Նա ավելի հարմար տեղավորվեց բարձին ու մի հատ էլ ծխեց։
 +
 +
― Ավելի լավ է չկտրեք ձեր գլուխը։ Չնայած լավ եմ երգում։ Անչափ ծիծաղելի է, բայց լավ եմ երգում։ Սիրում եմ երգել։ Լսեք։ ― Նա մի կտոր մռնչաց «Աֆրիկուհուց», վիզը լարվեց, երակները ցցվեցին։ ― Լավ եմ երգում, ― ասաց նա։ ― Ուզում է հավանեն, ուզում է չհավանեն։
 +
 +
Դուրս նայեցի պատուհանից։
 +
 +
― Գնամ, բաց թողնեմ կառքը։
 +
 +
― Շուտ վերադարձեք, սիրելի բարեկամ, նախաճաշենք միասին։
 +
 +
Նա վեր կացավ անկողնուց, ուղղեց մարմինը, խորը շունչ քաշեց և սկսեց մարզանք անել։ Իջա փողոց ու վճարեցի կառապանին։
 +
 +
 +
==Գլուխ 34==
 +
 +
Քաղաքացիական հագուստներով կարծես դիմակահանդեսում լինեի։ Երկար ժամանակ էր, ինչ զինվորական համազգեստ էի հագնում և հիմա ձգվածության պակաս էի զգում։ Տաբատը կարծես ընկնում էր վրայիցս։ Միլանում Ստրեզայի տոմս գնեցի։ Գնեցի նաև նոր գլխարկ։ Չէի կարող Սիմի գլխարկը դնել, բայց նրա կոստյումը հիանալի էր։ Ծխախոտի հոտ էր գալիս վրայից, ու երբ նստեցի կուպեում և նայեցի պատուհանից, զգացի, թե ինչքան նոր է գլխարկս և թե ինչքան հին էր կոստյումս։ Իսկ ես պատուհանից երևացող լոմբարդյան թաց դաշտավայրի չափ տխուր էի։ Կուպեում նստել էին մի քանի օդաչուներ, որոնք բանի տեղ չդրին ինձ։ Նրանք խուսափում էին ինձ նայել և արհամարհանք էին տածում այս տարիքում քաղաքացիական զգեստներ հագած մարդկանց հանդեպ։ Ես չվիրավորվեցի։ Առաջ գուցե հենց ինքս վիրավորեի նրանց ու կռիվ սարքեի։ Գալարատեում նրանք իջան, ու ես ուրախ էի, որ մենակ մնացի։ Մոտս թերթ կար, բայց չէի կարդում, որովհետև չէի ուզում կարդալ պատերազմի մասին։ Որոշել էի մոռանալ պատերազմը։ Ես անկախ հաշտություն էի կնքել։ Ահավոր մենակություն էի զգում, ու գնացքը երբ Ստրեզա հասավ, ուրախացա։
 +
 +
Կարծում էի, թե կայարանում հյուրանոցների ներկայացուցիչներ կլինեն, բայց ոչ ոք չկար։ Սեզոնը վաղուց էր վերջացել, ու ոչ ոք չէր դիմավորում գնացքը։ Ճամպրուկը ձեռքիս իջա վագոնից։ Դա Սիմի ճամպրուկն էր ու շատ թեթև էր, որովհետև բացի երկու շապիկից ուրիշ ոչինչ չկար մեջը։ Մինչև գնացքի շարժվելը կանգնեցի կառամատույցում, անձրևի տակ։ Մոտեցա մի մարդու և հարցրի, թե որ հյուրանոցներն են բաց։ Բայց էին Grand Hotel և Des Iles Borromees և մի քանի այլ փոքրիկ հյուրանոցներ, որոնք աշխատում էին կլոր տարին։ Ճամպրուկը ձեռքիս, անձրևի տակ սկսեցի քայլել դեպի Des Iles Borromees հյուրանոցը։ Ճանապարհին մի կառք տեսա ու նշան արեցի, որ կանգնի։ Ավելի լավ է կառքով գնալ։ Մենք մոտեցանք մեծ հյուրանոցի շքամուտքին, և դռնապանը, հովանոցը ձեռքին, դուրս եկավ։ Նա շատ քաղաքավարի էր։
 +
 +
Ես լավ համար ընտրեցի։ Մեծ ու լուսավոր սենյակ էր, պատուհանները նայում էին դեպի լիճը։ Ամպերը կախվել էին լճի վրա, բայց գիտեի, որ արևի տակ գեղեցիկ տեսարան կլինի։ Ասացի, որ կնոջս եմ սպասում։ Ատլասե վերմակով ծածկված երկտեղանի մի մեծ մահճակալ կար, letto matrimoniale:<ref>Ամուսնական անկողին (իտ․)։</ref>  Առաջնակարգ հյուրանոց էր։ Անցա երկար միջանցքով, լայն աստիճաններով իջա ցած ու գնացի բար։ Ես ճանաչում էի բարմենին։ Նստեցի բարձր աթոռակին, աղած նուշ ու տապակած կարտոֆիլ կերա։ Մարտինին սառն էր ու անարատ։
 +
 +
― Ի՞նչ եք անում այստեղ borghese֊ով,<ref>Քաղաքացիական զգեստ (իտ․)։</ref> ― հարցրեց բարմենը, երկրորդ անգամ խառնելով մարտինին։
 +
 +
― Արձակուրդի մեջ եմ։ Ապաքինման եմ եկել։
 +
 +
― Հիմա ոչ ոք չկա այստեղ։ Չեմ հասկանում, ինչո՞ւ չեն փակում հյուրանոցը։
 +
 +
― Ձուկ որսո՞ւմ եք։
 +
 +
― Մի քանի հիանալի ձուկ եմ բռնել։ Տարվա այս եղանակին կարելի է հիանալի ձկներ որսալ։
 +
 +
― Ստացա՞ք իմ ուղարկած ծխախոտը։
 +
 +
― Այո։ Իսկ դու ստացա՞ք իմ բացիկը։
 +
 +
Ծիծաղեցի։ Չէի կարողացել ծխախոտ գտնել։ Նա ծխամորճի ամերիկյան ծխախոտ էր ուզել, բայց իմ ազգականներն այլևս չէին ուղարկում և կամ ինչ֊որ տեղ բռնագրվում էին այն։ Համենայն դեպս, էլ չէի ստանում։
 +
 +
― Մի կերպ կճարեմ, ― ասացի ես։ ― Քաղաքում երկու անգլուհիների հանդիպե՞լ եք։ Երեկ չէ առաջին օրն են եկել։
 +
 +
― Հյուրանոցում անգլուհիներ չկան։
 +
 +
― Հիվանդապահուհի են։
 +
 +
― Երկու հիվանդապահուհու տեսել եմ։ Մի րոպե, հիմա կիմանամ որտեղ են։
 +
 +
― Նրանցից մեկն իմ կինն է, ― ասացի ես։ ― Եկել եմ տեսնելու նրան։
 +
 +
― Մյուսն էլ իմ կինն է։
 +
 +
― Ես չեմ կատակում։
 +
 +
― Ներեցեք հիմար կատակի համար, ― ասաց նա։ ― Ես չհասկացա։
 +
 +
Դուրս եկավ ու երկար ժամանակ չվերադարձավ։ Ես ձիթապտուղ, աղած նուշ ու տապակած կարտոֆիլ կերա և վաճառասեղանի ետևում կախված հայելու մեջ քաղաքացիական հագուստներով տեսա ինձ։
 +
 +
Բարմենը վերադարձավ։
 +
 +
― Կայարանի կողքին մի փոքր հյուրանոց կա, այնտեղ են, ― ասաց նա։
 +
 +
― Սանդվիչ ունե՞ք։
 +
 +
― Հիմա զանգ կտամ։ Ոչինչ էլ չունեմ, հասկանում եք, հաճախորդ չկա։
 +
 +
― Ի՞նչ է, լրի՞վ դատարկ է հյուրանոցը։
 +
 +
― Մի քանի հոգի կան միայն։
 +
 +
Սանդվիչ բերեցին, ու ես երեք հատ կերա ու մի բաժակ էլ մարտինի խմեցի։ Երբեք ավելի սառը ու ավելի մաքուր բան չէի խմել։ Այդ սառնությունն ու մաքրությունն ինձ նորից քաղաքակիրթ դարձրին։ Երկար ժամանակ է, ինչ կարմիր գինի, վատ սուրճ ու գրապպա էի խմում և հաց ու պանիր ուտում։ Նստել էի բարձր աթոռակին, կարմիր փայտի, բրոնզի ու հայելիների հաճելի շրջապատում ու ոչինչ չէի մտածում։ Բարմենը մի քանի հարց տվեց։
 +
 +
― Մի խոսեք պատերազմի մասին, ― ասացի ես։
 +
 +
Պատերազմն ինչ֊որ հեռու տեղ էր։ Գուցե և ընդհանրապես պատերազմ չկար։ Այստեղ չկար պատերազմ։ Ու ես հասկացա, որ պատերազմն ինձ համար արդեն վերջացել է։ Բայց չէի զգում, թե իսկապես վերջացել է։ Ես նման էի այն աշակերտին, որ փախել է դասերից ու հիմա մտածում է, թե ինչ է կատարվում դպրոցում։
 +
 +
 +
Երբ հյուրանոց եկա, Կետրինն ու Էլեն Ֆերգյուսոնը ճաշում էին սեղանի շուրջը։ Դեմքը չէր երևում, տեսնում էի նրա մազերի ուրվագիծը, և այտերը, և հրաշալի վիզը, և ուսերը։ Ֆերգյուսոնն ինչ֊որ բան էր պատմում։ Երբ ներս մտա, նա լռեց։
 +
 +
― Աստվա՜ծ իմ, ― ասաց նա։
 +
 +
― Հելլո, ― ասացի ես։
 +
 +
― Դո՞ւք եք, ― ասաց Կետրինը։
 +
 +
Դեմքը լուսավորվեց։ Նա անչափ երջանիկ էր, որպեսզի կարողանար հավատալ։ Համբուրեցի նրան։ Կետրինը կարմրեց, ու ես նստեցի սեղանի մոտ։
 +
 +
― Այ թե շփոթեցրիք, ― ասաց Ֆերգյուսոնը։ ― Ի՞նչ գործ ունեք այստեղ։ Ճաշե՞լ եք։
 +
 +
― Ոչ։
 +
 +
Ներս մտավ մատուցողուհին, ու ես նրան ասացի, որ ինձ համար էլ պնակ բերի։ Կետրինը, երջանիկ աչքերով, անընդհատ ինձ էր նայում։
 +
 +
― Ինչի՞ եք մուֆտայով, ― հարցրեց Ֆերգյուսոնը։
 +
 +
― Կաբինետի անդամ եմ դարձել։
 +
 +
― Անախորժ պատմության մեջ եք ընկել։
 +
 +
― Զվարճացեք, Ֆերջի։ Մի քիչ զվարճացեք։
 +
 +
― Ձեզ տեսնելն ինձ չի զվարճացնում։ Գիտեմ, թե ինչ փորձանքի մեջ եք գցել այս աղջկան։ Դուք ինձ համար բնավ էլ զվարճալի պատկեր չեք։
 +
 +
Կետրինը ժպտում էր և սեղանի տակից ոտքով կպչում ինձ։
 +
 +
― Ինձ ոչ մի փորձանքի մեջ չի գցել, Ֆերջի։ Ես ինքս եմ ընկել։
 +
 +
― Ես նրան տանել չեմ կարող, ― ասաց Ֆերգյուսոնը։ ― Նա պարզապես կործանեց ձեզ իտալական իր նենգ խաղերով։ Ամերիկացիներն իտալացիներից էլ վատն են։
 +
 +
― Իսկ շոտլանդացիներն այնքան բարոյական են, ― ասաց Կետրինը։
 +
 +
― Ես այդ մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ նրա իտալական նենգության մասին։
 +
 +
― Մի՞թե ես նենգ եմ, Ֆերջի։
 +
 +
― Այո։ Նենգից էլ վատ եք։ Դուք իսկական օձ եք։ Իտալական համազգեստով ու թիկնոցով օձ։
 +
 +
― Բայց հիմա իտալական համազգեստ չունեմ։
 +
 +
― Դա էլ է մի ավելորդ անգամ ապացուցում ձեր նենգությունը։ Ամբողջ ամառը սեր խաղացիք ու աղջկան երեխայով թողեցիք, իսկ հիմա երևի ուզում եք արանքը ճղել։
 +
 +
Ժպտացի Կետրինին նա էլ ինձ ժպտաց։
 +
 +
― Երկուսս էլ ենք ուզում արանքը ճղել, ― ասաց նա։
 +
 +
― Երկուսդ էլ արժեք իրար, ― ասաց Ֆերգյուոնը։ ― Ես ամաչում եմ ձեր փոխարեն, Կետրին Բարկլի։ Ոչ ամոթ ունեք, ոչ պատիվ, և դուք էլ նրա նման նենգ եք։
 +
 +
― Պետք չէ, Ֆերջի, ― ասաց Կետրինը և թփթփացրեց նրա ձեռքին։ ― Մի հայհոյեք ինձ։ Դուք գիտեք, որ մենք սիրում ենք իրար։
 +
 +
― Հանեք ձեր ձեռքը, ― ասաց Ֆերգյուսոնը։ ― Դեմքը կարմրել էր։ ― Եթե ամոթ ունենայիք, ուրիշ հարց։ Բայց աստված գիտե՝ քանի ամսական հղի եք ու կարծում եք, թե խաղ ու պար է դա և դեռ մինչև ականջներն էլ ժպտում եք, որ ձեզ գայթակղեցնողը վերադարձել է։ Ոչ ամոթ ունեք, ոչ էլ խիղճ։
 +
 +
Նա արտասվեց։ Կետրինը մոտեցավ ու մի ձեռքով գրկեց նրան։ Երբ նա վեր կացավ Ֆերգյուսոնին հանգստացնելու համար, նկատեցի, որ նրա մարմնի կազմվածքը չէր փոխվել։
 +
 +
― Ինձ համար միևնույն է, ― հեծկլտում էր Ֆերգյուսոնը։ ― Միայն թե սոսկալի է։
 +
 +
― Դե, դե, Ֆերջի, ― հանգստացնում էր նրան Կետրինը։ ― Ես ամաչելու եմ։ Մի լացեք, Ֆերջի։ Մի լացեք, իմ լավ Ֆերջի։
 +
 +
― Լաց չեմ լինում, ― հեծկլտում էր Ֆերգյուսոնը։ ― Լաց չեմ լինում։ Միայն երբ հիշում եմ, թե ինչ ահավոր փորձանքի մեջ ընկաք․․․ Նա ինձ նայեց։ ― Ատում եմ ձեզ, ― ասաց նա։ ― Նա չի կարող ստիպել, որ չատեմ ձեզ։ Կեղտոտ և նենգ ամերիկյան իտալացի։
 +
 +
Նրա աչքերն ու քիթը կարմրել էին արտասվելուց։
 +
 +
Կետրինը ժպտում էր ինձ։
 +
 +
― Ինձ գրկելիս մի ժպտացեք նրան։
 +
 +
― Անխոհեմ եք վարվում, Ֆերջի։
 +
 +
― Գիտեմ, ― հեծկլտում էր Ֆերջին։ ― Ուշադրություն մի դարձրեք։ Շատ եմ հուզված։ Անխոհեմ եմ վարվում։ Գիտեմ։ Ուզում եմ, որ երկուսդ էլ երջանիկ լինեք։
 +
 +
― Մենք երջանիկ ենք, ― ասաց Կետրինը։
 +
 +
Ֆերգյուսոնը նորից լաց եղավ։
 +
 +
― Չեմ ուզում, որ այս ձևով երջանիկ լինեք։ Ինչո՞ւ չեք ամուսնանում։ Հո ամուսնացած չե՞ք, ուրիշ կին չունե՞ք։
 +
 +
― Ոչ, ― ասացի ես։
 +
 +
Կետրինը ծիծաղեց։
 +
 +
― Ծիծաղելու ոչինչ չկա, ― ասաց Ֆերգյուսոնը, ― սրանց մեծ մասը կին ունի։
 +
 +
― Կամուսնանանք, Ֆերջի, ― ասաց Կետրինը, ― եթե դա ձեզ հաճույք կպատճառի։
 +
 +
― Պետք չէ ինձ հաճույք պատճառել։ Դուք ինքներդ պետք է ցանկանայիք։
 +
 +
― Շատ զբաղված էինք։
 +
 +
― Այո։ Գիտեմ։ Զբաղված էիք երեխաներ սարքելով։
 +
 +
Կարծում էի, թե նորից կարտասվի, բայց դրա փոխարեն հանկարծ դառնություն զգացվեց ձայնի մեջ։
 +
 +
― Իսկ հիմա, անշուշտ, նրա հետ կգնաք։
 +
 +
― Այո, ― ասաց Կետրինը։ ― Եթե նա ցանկանա։
 +
 +
― Իսկ ե՞ս։
 +
 +
― Վախենո՞ւմ եք մենակ մնալ։
 +
 +
― Այո։
 +
 +
― Այդ դեպքում ձեզ մոտ կմնամ։
 +
 +
― Ոչ, նրա հետ գնացեք։ Հենց հիմա գնացեք։ Էլ ոչ մեկիդ էլ չեմ ուզում տեսնել։
 +
 +
― Ճաշենք, հետո։
 +
 +
― Ոչ։ Հենց հիմա գնացեք։
 +
 +
― Ֆերջի, խոհեմ եղեք։
 +
 +
― Ասում եմ հենց հիմա կորեք։ Երկուսդ էլ գնացեք։
 +
 +
― Գնանք, ― ասացի ես։
 +
 +
Ֆերջին արդեն ձանձրացրեց ինձ։
 +
 +
― Իհարկե, դուք կուզենաք գնալ։ Նույնիսկ ճաշելիս ուզում եք ինձ մենակ թողնել։ Ես վաղուց էի երազում իտալական լճերը տեսնել և այ թե ինչ ստացվեց։ Օ, օ՜, ― հեծկլտաց նա, նայեց Կետրինին, հետո ինչ֊որ բան մնաց կոկորդին ու սկսեց հազալ։
 +
 +
― Մինչև ճաշի վերջը կմնանք, ― ասաց Կետրինը։ ― Ես ձեզ մենակ չեմ թողնի, եթե ուզում եք, որ մնամ։ Ես ձեզ մենակ չեմ թողնի, Ֆերջի։
 +
 +
― Ոչ, ոչ։ Ես ուզում, որ գնաք։ Ուզում եմ, որ գնաք, ― նա սրբեց աչքերը։ ― Ինչքան անխոհեմ եմ։ Շատ եմ խնդրում, ուշադրություն մի դարձրեք։
 +
 +
Մատուցող աղջիկը շատ էր ազդվել այս արցունքներից։ Ու հիմա, երբ հաջորդ ուտելիքը բերեց ու տեսավ, որ վիճակն արդեն ավելի լավ է, մի տեսակ հանգստացավ կարծես։
 +
 +
 +
Գիշերը՝ հյուրանոցում, մեր սենյակում, որի դռան ետևում երկար ու դատարկ միջանցքն է, և մեր կոշիկները դռան առջև, և հաստ մի գորգ սենյակի հատակին, և անձրև պատուհանից դուրս, և սենյակում լույս, հաճույք ու ցնծություն, հետո՝ մութ, և բարակ սավանների ու հարմարավետ մահճակալի հուզում, և ուրախ զգացում, որ տուն ես վերադարձել, որ այլևս մենակ չես, և երբ արթնանաս գիշերը, մյուսը չի անհետացել, առաջվա պես պառկած է տեղում։ Եվ մնացած ամեն ինչն անիրական է։ Հոգնելիս քնում էինք, իսկ արթնանալիս, երկուսս էինք արթնանում, ու մեզնից ոչ մեկն այլևս մենակ չէր։ Հաճախ տղամարդն ուզում է մենակ մնալ, կինն էլ է ուզում մենակ մնալ, ու եթե սիրում են իրար, երկուսին էլ վիրավորանք է պատճառում այդ ցանկությունը։ Բայց ես կարող եմ անկեղծորեն ասել, որ մենք այդպես չէինք։ Երբ միասին էինք, երկուսո՛վ էինք մենակ, մենակ էինք մյուսների մեջ։ Կյանքումս առաջին անգամ էի զգում այդ։ Շատ կանանց հետ եմ եղել, սակայն միշտ մենակ եմ մնացել, իսկ դա ամենամեծ մենակությունն է։ Բայց երբ մենք միասին էինք լինում, երբեք մենակություն ու վախ չէինք զգում։ Գիտեմ, որ գիշերը տարբեր է ցերեկից, որ փոխվում է ամեն ինչ, որ գիշերվանն անհնար է ցերեկը բացատրել, որովհետև արդեն գոյություն չունի, ու եթե մարդ արդեն մենակ է զգում իրեն, ապա գիշերն այդ մենակությունն էլ ահավոր է դառնում։ Բայց երբ Կետրինի հետ ես, ոչ մի տարբերություն չկա գիշերվա ու ցերեկվա միջև, միայն մի բանն է տարբեր, գիշերը նույնիսկ ավելի հաճելի է։ Քանի որ մարդիկ այսքան արիություն են իրենց հետ աշխարհ բերում, աշխարհը պետք է սպանի այդ մարդկանց, որպեսզի կոտրի ու ընկճի նրանց, ու հենց դրա համար էլ սպանո՛ւմ է։ Աշխարհը բոլորին է կոտրում և ընկճում և դրանից հետո, այդպես կոտրված ու ընկճված, շատերն է՛լ ավելի ամուր են դառնում։ Բայց ովքեր չեն կոտրվում և չեն ընկճվում, նրան էլ է սպանում աշխարհը։ Առանց խտրության նա սպանում է ամենալավերին, ամենաքաջերին, իսկ եթե դու ոչ մեկն ես, ոչ էլ մյուսը, կարող ես վստահ լինել, որ միևնույն է, քե՛զ էլ կսպանի, միայն թե առանց շտապելու։
 +
 +
 +
Հիշում եմ, թե ինչպես արթնացանք առավոտյան։ Կետրինը քնած էր դեռ, և արևի լույսն ընկել էր սենյակ։ Անձրևը դադարել էր, ու ես վեր կացա անկողնուց, մոտեցա պատուհանին։ Ներքևում պարտեզներ էին տարածված, որոնք մերկ էին հիմա, բայց գեղեցիկ ու կանոնավոր․ մանրախճով ծածկված արահետներ, ծառեր, լճի շուրջ՝ քարե պարիսպ, արևի տակ՝ լիճ, իսկ հեռվում՝ լեռներ։ Կանգնել, դիտում էի պատուհանից, ու երբ շրջվեցի, տեսա, որ Կետրինն արդեն արթնացել ու ինձ էր նայում։
 +
 +
― Ինչպե՞ս ես, սիրելիս, ― հարցրեց նա։ ― Լավ օր է, չէ՞։
 +
 +
― Ինչպե՞ս ես զգում։
 +
 +
― Շատ լավ։ Ինչ հրաշալի գիշեր էր։
 +
 +
― Ուզո՞ւմ ես նախաճաշել։
 +
 +
Ուզում էր նախաճաշել։ Ես էլ էի ուզում, ու մենք անկողնում կերանք, նոյեմբերյան արևը թափանցել էր լուսամուտից, ու ես նախաճաշի սկուտեղը ծնկներիս էի դրել։
 +
 +
― Չե՞ս ուզում թերթ կարդալ։ Հիվանդանոցում միշտ կարդում էիր։
 +
 +
― Ոչ, ― ասացի ես։ ― Հիմա չեմ ուզում։
 +
 +
― Ուրեմն, այնքան վատ է եղել, որ կարդա՞լ էլ չես ուզում։
 +
 +
― Այո, չեմ ուզում այդ մասին կարդալ։
 +
 +
― Ափսոս, որ չեմ եղել քեզ հետ, ես էլ ամեն ինչ կիմանայի։
 +
 +
― Եթե մի օր գլխումս տեղավորվի, կպատմեմ։
 +
 +
― Իսկ քեզ չե՞ն ձերբակալի, եթե առանց համազգեստի տեսնեն։
 +
 +
― Երևի կգնդակահարեն։
 +
 +
― Այդ դեպքում մենք չպետք է այստեղ մնանք։ Պետք է արտասահման անցնենք։
 +
 +
― Արդեն մտածել եմ այդ մասին։
 +
 +
― Կգնանք։ Սիրելիս, պետք չէ իզուր տեղ վտանգի երթարկվել։ Ասա, ինչպե՞ս ես Մեստրեից Միլան հասել։
 +
 +
― Գնացքով։ Այն ժամանակ դեռ համազգեստով էի։
 +
 +
― Իսկ դա վտանգավոր չէ՞ր։
 +
 +
― Ոչ այնքան։ Ես երթևեկության արտոնյալ վկայական ունեի։ Մեստրեում փոխեցի թվականը։
 +
 +
― Սիրելիս, այստեղ ամեն րոպե կարող են քեզ ձերբակալել։ Չեմ ուզում։ Ինչպե՞ս կարելի է այդպիսի հիմարություն անել։ Իսկ ի՞նչ կլինի մեր վիճակը, եթե քեզ բռնեն։
 +
 +
― Արի այդ մասին չմտածենք։ Հոգնել եմ մտածելուց։
 +
 +
― Ի՞նչ կանես, եթե ձերբակալելու գան։
 +
 +
― Կկրակեմ։
 +
 +
― Տեսնո՞ւմ ես ինչ հիմար ես, մինչև մեր գնալը չեմ թողնի, որ հյուրանոցից դուրս գաս։
 +
 +
― Իսկ ո՞ւր ենք գնալու։
 +
 +
― Խնդրում եմ, այդպես մի խոսիր, սիրելիս։ Ուր որ ուզես կգնանք։ Բայց այնպիսի մի տեղ ընտրիր, որ հենց հիմա էլ կարողանանք գնալ։
 +
 +
― Լճի մյուս ափը Շվեյցարիան է, կարող ենք այնտեղ գնալ։
 +
 +
― Շատ լավ կլինի։
 +
 +
Ամպերը դարձյալ կուտակվեցին, ու լիճն սկսեց մթնել։
 +
 +
― Չեմ ուզում միշտ հանցագործի նման ապրել, ― ասացի ես։
 +
 +
― Այդպես մի խոսիր, սիրելիս։ Այդ երբվանի՞ց ես հանցագործի պես ապրում։ Էլ չենք ապրի հանցագործի պես։ Սրանից հետո երջանիկ կլինենք։
 +
 +
― Ես հանցագործ եմ զգում ինձ։ Դասալքել եմ բանակը։
 +
 +
― Սիրելիս, խնդրում եմ խելքդ գլուխդ հավաքիր։ Ոչ մի դասալքություն։ Չէ՞ որ դա իտալական բանակ է։
 +
 +
Ես ծիծաղեցի։
 +
 +
― Իմ խելոք աղջիկ։ Արի նորից անկողին մտնենք։ Երբ անկողնում ենք, ինձ համար ամեն ինչ փոխվում է։
 +
 +
Քիչ անց Կետրինն ասաց․
 +
 +
― Էլ հանցագործ չես զգում քեզ, չէ՞։
 +
 +
― Ոչ, ― ասացի ես։ ― Երբ քեզ հետ եմ, չեմ զգում։
 +
 +
― Ինչ հիմար տղա ես, ― ասաց նա։ ― Բայց ես կհետևեմ քեզ։ Լավ է, չէ՞, որ առավոտները սիրտս չի խառնում։
 +
 +
― Հիանալի է։
 +
 +
― Չես գնահատում, թե ինչ հրաշալի կին ունես։ Բայց դա ինձ համար նշանակություն չունի։ Ես քեզ մի այնպիսի տեղ կտանեմ, որ չկարողանան ձերբակալել, և մենք հիանալի կապրենք միասին։
 +
 +
― Արի հենց հիմա գնանք։
 +
 +
― Գնանք սիրելիս։ Երբ ուզես, ուր ուզես։
 +
 +
― Արի ոչ մի բանի մասին չմտածենք։
 +
 +
― Արի։
 +
 +
 +
==Գլուխ 35==
 +
 +
Կետրինը լճափով գնաց փոքրիկ հյուրանոցը՝ Ֆերգյուսոնին տեսնելու, իսկ ես, բարում նստած, թերթ էի կարդում։ Բարում կաշվե հարմարավետ բազկաթոռներ կային, ու ես մինչև բարմենի գալը բազկաթոռներից մեկի մեջ նստած, կարդում էի։ Բանակը Տոլյամենտոյում կանգ չէր առել։ Նահանջում էին դեպի Պիավե։ Հիշեցի Պիավեն։ Սան֊Դոնայի մոտ երկաթուղին հատում էր Պիավեն ու գնում դեպի ռազմաճակատ։ Գետն այդ մասում խորն էր և դանդաղահոս, և նեղ։ Գետի ստորին հոսանքներում մոծակներով լի ճահճուտներ ու ջրանցքներ կային։ Եվ մի քանի գեղեցիկ առանձնատուն։ Մի անգամ, պատերազմից առաջ, Կորտինա դ'Ամպեցցո ուղևորվելիս, մի քանի ժամ գնացել եմ լեռնային գետի ափով։ Պիավեն այստեղ նման էր ժայռի ստվերի մեջ թաքնված նեղ ծանծաղուտներով մի գետի, որ հարուստ էր կարմրախայտով։ Կադորեում ճանապարհը թեքվում, հեռանում էր գետից։ Մտածում էի, թե ինչպես էր բանակն այդտեղից իջնելու։ Հետո մտավ բարմենը։
 +
 +
― Կոմս Գրեֆին ձեզ էր փնտրում, ― ասաց նա։
 +
 +
― Ո՞վ։
 +
 +
― Կոմս Գրեֆին։ Հիշո՞ւմ եք, երբ անցյալ անգամ եկաք, մի ծերուկի հետ ծանոթացաք։
 +
 +
― Այստե՞ղ է հիմա։
 +
 +
― Այո, ազգականուհու հետ։ Ասացի, որ դուք էլ եք եկել։
 +
 +
― Իսկ հիմա որտե՞ղ է։
 +
 +
― Գնացել է զբոսնելու։
 +
 +
― Ինչպե՞ս է։
 +
 +
― Ամեն տարի ջահելանում է։ Անցած գիշեր, ճաշից առաջ երեք բաժակ շամպայնով կոկտեյլ խմեց։
 +
 +
― Իսկ բիլիարդի՞ գործերն ինչպես են։
 +
 +
― Լավ են։ Տանում է ինձ։ Երբ իմացավ, որ եկել եք, շատ ուրախացավ։ Մարդ չկա, որ հետը խաղա։
 +
 +
Կոմս Գրեֆին իննսունչորս տարեկան էր։ Ալեհեր, սպիտակած բեղերով և բարեկիրթ շարժուձևով այդ ծերուկը եղել է Մետերնիխի ժամանակակիցը։ Դիվանագիտական ծառայության մեջ է եղել թե ավստրիացիների, թե իտալացիների մոտ, իսկ նրա ծննդյան տարեդարձը միշտ էլ Միլանի աշխարհիկ կյանքի ամենամեծ իրադարձություններից մեկն էր։ Նա վճռել էր մինչև հարյուր տարեկան ապրել և զարմանալի թեթևությամբ էր բիլիարդ խաղում, մի բան, որ բնավ չէր համապատասխանում իննսունչորս տարեկան ծերուկի չորացած մարմնին։ Ես նրան հանդիպել եմ, երբ մի անգամ, սեզոնի վերջում Ստրեզա էի եկել, ու մենք շամպայն էինք խմում բիլիարդ խաղալու ժամանակ։ Ես համարեցի, որ դա հրաշալի սովորություն էր, ու նա ինձ տասնհինգ աչք առաջ տվեց ու հաղթեց։
 +
 +
― Ինչո՞ւ չասացիր, որ նա այստեղ է։
 +
 +
― Մոռացա։
 +
 +
― Էլ ո՞վ կա։
 +
 +
― Մյուսներին չեմ ճանաչում։ Հյուրանոցում ընդամենը վեց հոգի են ապրում։
 +
 +
― Իսկ հիմա ի՞նչ եք անելու։
 +
 +
― Ոչ մի բան։
 +
 +
― Գնանք ձուկ որսանք։
 +
 +
― Մի ժամով կարող եմ։
 +
 +
― Գնացինք։ Կարթը չմոռանաք։
 +
 +
Բարմենը հագավ վերարկուն, և մենք դուրս եկանք։ Իջանք ափ, նավակ վերցրինք, ու սկսեցի թիավարել, իսկ բարմենը նստել էր նավախելին ու բռնել՝ ծայրին սպինինգ ունեցող կարթից, որով լճերում կարմրախայտ են որսում։ Մենք գնում էինք ափի կողքով, բարմենը բռնել էր կարթը ու երբեմն ցնցում էր այն։ Լճի կողմից Ստրեզան շատ ամայի է թվում։ Երևում էին մերկ ծառերի երկար շարքերը, մեծ հյուրանոցներն ու պարսպապատ առանձնատները։ Շրջվեցի դեպի Իզոլա Բելլա և սկսեցի թիավարել ափի մոտ, որտեղ լիճը միանգամից խորանում էր ու երևում էր, թե ինչպես է ժայռերի պատը ուղղաձգորեն իջնում թափանցիկ ջրի մեջ։ Հետո մենք հեռացանք ափից և ուղղվեցինք դեպի ձկնորսների կղզին։ Արևը մտավ ամպի տակ, և ջուրը մուգ էր, և հանդարտ և շատ պաղ։ Չկարողացանք ձուկ բռնել, թեև մի քանի անգամ մոտեցող ձկների օղակներ երևացին ջրի վրա։
 +
 +
Հասանք ձկնորսների կղզին, որի ափին նավակներ էին շարված, և մարդիկ ցանցերն էին վերանորոգում։
 +
 +
― Չգնա՞նք մի բան խմենք։
 +
 +
― Գնանք։
 +
 +
Նավակը մոտեցրի քարափին, և բարմենը հանեց կարթը, փաթաթեց, սպինինգը դրեց հատակին և կախեց նավաշրթից։ Ես դուրս եկա ու կապեցի նավակը։ Մտանք մի փոքրիկ սրճարան, նստեցինք փայտե սեղանի մոտ և վերմուտ պատվիրեցինք։
 +
 +
― Հոգնեցի՞ք։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Վերադարձին ես կթիավարեմ, ― ասաց նա։
 +
 +
― Ես սիրում եմ թիավարել։
 +
 +
― Եթե կարթը դուք բռնեք, գուցե բախտներդ ժպտա։
 +
 +
― Լավ։
 +
 +
― Ասեք, խնդրում եմ, ի՞նչ վիճակում է պատերազմը։
 +
 +
― Գարշելի։
 +
 +
― Ես չպետք է գնամ։ Ես էլ կոմս Գրեֆիի նման շատ ծեր եմ։
 +
 +
― Գուցե դեռ ստիպված լինեք գնալ։
 +
 +
― Մյուս տարի երևի կկանչեն։ Բայց ես չեմ գնա։
 +
 +
― Իսկ ի՞նչ եք անելու։
 +
 +
― Կփախչեմ արտասահման։ Չեմ ուզում պատերազմի գնալ։ Հաբեշստանում արդեն մի անգամ մասնակցել եմ պատերազմի։ Բավական է։ Իսկ դո՞ւք ինչու գնացիք։
 +
 +
― Չգիտեմ։ Հիմարությո՛ւն արեցի։
 +
 +
― Էլի ուզո՞ւմ եք վերմուտ։
 +
 +
― Լավ, խմենք։
 +
 +
Վերադարձին բարմենն էր թիավարում։ Մենք անցանք Ստրեզայից, հետո ափից չհեռանալով, նորից վերադարձանք։ Բռնել էի ձիգ կարթը և անընդհատ զգում էի պտտվող սպինինգի թեթևակի ցնցումները ու նայում նոյեմբերյան մուգ ջրին և ամայի ափին։ Բարմենը թիավարում էր լայն հարվածներով, ու երբ նավակը առաջ էր մղվում, կարթն սկսում էր թրթռալ։ Մի անգամ ձուկը բռնեց խայծից, կարթը հանկարծ ձգվեց ու ծանրացավ։ Ես քաշեցի ու զգացի կարմրախայտի կենդանի ծանրությունը, բայց հենց այդ ժամանակ կարթը նորից թրթռաց։ Ձուկը պոկվել, փախել էր։
 +
 +
― Խոշո՞ր էր։
 +
 +
― Բավականին։
 +
 +
― Մի անգամ մենակ էի որսի դուրս եկել ու կարթն ատամներով էի բռնել, հանկարծ այնպես ձգվեց, որ քիչ էր մնում ծնոտս պոկվեր։
 +
 +
― Ամենից հարմարը ոտքին կապելն է, ― ասացի ես։ ― Եվ կարթի ամեն մի շարժումն ես զգում, և ատամներդ չես կորցնում։
 +
 +
Ձեռքս մտցրի ջրի մեջ։ Շատ սառն էր։ Հիմա մենք գրեթե հյուրանոցի դիմացն էինք։
 +
 +
― Ես պետք է գնամ, ― ասաց բարմենը։ ― Պետք է ժամը տասնմեկին այնտեղ լինեմ։ L'heure du cocktail:<ref>Կոկտեյլի ժամ (ֆր․)։</ref>
 +
 +
― Լավ։
 +
 +
Կարթը հանեցի ջրից և փաթաթեցի մի նշաձողի վրա։ Բարմենը նավակը մտցրեց քարափի փոքրիկ նեղանցքի մեջ և շղթայով ու կողպեքով ամրացրեց։
 +
 +
― Երբ որ նավակի կարիք ունենաք, ― ասաց նա, ― բանալին կտամ ձեզ։
 +
 +
― Շնորհակալություն։
 +
 +
Գնացինք հյուրանոց և մտանք բար։ Չուզեցի առավոտ վաղ նորից խմել ու բարձրացա մեր սենյակը։ Աղախինն արդեն մաքրել էր սենյակը, և Կետրինը դեռ չէր վերադարձել։ Պառկեցի մահճակալի վրա ու աշխատեցի ոչ մի բանի մասին չմտածել։
 +
 +
Երբ Կետրինը վերադարձավ, նորից ամեն ինչ լավ էր ինձ համար։ Ֆերգյուսոնը ներքևում է, ― ասաց նա։ Մեզ հետ է նախաճաշելու։
 +
 +
― Ես գիտեի, որ դեմ չես լինի, ― ասաց Կետրինը։
 +
 +
― Իհարկե, ― ասացի ես։
 +
 +
― Ի՞նչ է պատահել, սիրելիս։
 +
 +
― Չգիտեմ։
 +
 +
― Իսկ ես գիտեմ։ Անելու բան չունես։ Քո ամբողջ ունեցած֊չունեցածը ես եմ, իսկ ես թողել, գնացել էի։
 +
 +
― Ճիշտ է։
 +
 +
― Ներիր, սիրելիս։ Գիտեմ, երևի ահավոր զգացում է, երբ հանկարծ այլևս ոչինչ չի մնում։
 +
 +
― Իմ կյանքը միշտ լցված է եղել, ― ասացի ես։ ― Եվ հիմա, երբ դու ինձ մոտ չես, աշխարհն ինձ համար դատարկվում է։
 +
 +
― Բայց ես քեզ հետ կլինեմ։ Ես միայն երկու ժամով գնացի։ Չե՞ս կարող որևէ զբաղմունք գտնել։
 +
 +
― Բարմենի հետ գնացի ձուկ որսալու։
 +
 +
― Լա՞վ էր։
 +
 +
― Այո։
 +
 +
― Երբ քեզ հետ չեմ, մի մտածիր իմ մասին։
 +
 +
― Ճակատում փորձում էի չմտածել։ Բայց այդ ժամանակ գոնե անելու բան կար։
 +
 +
― Պաշտոնաթող Օթելլո, ― կատակեց նա։
 +
 +
― Օթելլոն նեգր էր, ― ասացի ես։ ― Բացի այդ, ես խանդոտ չեմ։ Պարզապես այնքան եմ քեզ սիրում, որ ինձ համար ուրիշ ոչինչ գոյություն չունի։
 +
 +
― Խելոք կմնաս ու սիրալիր կլինես Ֆերգյուսոնի հետ։
 +
 +
― Ես միշտ էլ սիրալիր եմ Ֆերգյուսոնի հետ, քանի դեռ նա չի անիծում ինձ։
 +
 +
― Սիրալիր եղիր հետը։ Չէ՞ որ մենք շատ բան ունենք, իսկ նա ոչինչ չունի։
 +
 +
― Չեմ կարծում, որ նա ցանկանա մեր ունեցածը։
 +
 +
― Խելացի տղա ես, սիրելիս, բայց ոչինչ չես հասկանում։
 +
 +
― Սիրալիր կլինեմ հետը։
 +
 +
― Չեմ կասկածում։ Դու շատ լավն ես։
 +
 +
― Բայց հետո չի մնա, չէ՞։
 +
 +
― Ոչ։ Այնպես կանեմ, որ գնա։
 +
 +
― Եվ հետո վեր կբարձրանանք, չէ՞։
 +
 +
― Իհարկե։ Իսկ ի՞նչ էիր կարծում։
 +
 +
Մենք իջանք Ֆերգյուսոնի հետ նախաճաշելու։ Հյուրանոցն ու շքեղ ռեստորանը մեծ տպավորություն էին գործել նրա վրա։ Մենք հիանալի նախաճաշեցինք ու խմեցինք երկու շիշ կապրի։ Ռեստորան մտավ կոմս Գրեֆին և գլուխ տվեց մեզ։ Նրա հետ էր նաև ազգականուհին, որը մի փոքր հիշեցնում էր իմ տատիկին։ Ես նրա մասին պատմեցի Կետրինին ու Ֆերգյուսոնին, և իմ պատմածը մեծ տպավորություն գործեց Ֆերգյուսոնի վրա։ Հյուրանոցը շատ էր մեծ, և շքեղ, և դատարկ, բայց կերակուրները համեղ էին, գինին շատ հաճելի և, ի վերջո, գինին բարձրացրեց մեր բոլորի տրամադրությունը։ Կետրինը երբեք այսքան լավ չէր զգացել։ Նա շատ երջանիկ էր։ Ֆերգյուսոնն աշխուժացել էր։ Ինձ համար էլ էր շատ հաճելի։ Նախաճաշից հետո Ֆերգյուսոնը վերադարձավ իր հյուրանոցը։ Ասաց, որ նախաճաշից հետո ուզում է մի քիչ պառկել։
 +
 +
Օրվա վերջին ինչ֊որ մեկը բախեց մեր դուռը։
 +
 +
― Ո՞վ է։
 +
 +
― Կոմս Գրեֆին ուզում է իմանալ, բիլիարդ կխաղա՞ք, թե ոչ։
 +
 +
Նայեցի ժամացույցին։ Թևիցս հանել, բարձի տակ էի դրել։
 +
 +
― Պետք է անպայմա՞ն գնալ, սիրելիս, ― փսփսաց Կետրինը։
 +
 +
― Երևի պետք է։ ― Չորսն անց էր տասնհինգ րոպե։ Ես բարձրաձայն ասացի․ ― հաղորդեցեք Գրեֆիին, որ ժամը հինգին բիլիարդանոցում կլինեմ։
 +
 +
Հինգից քառորդ պակաս համբուրեցի Կետրինին ու լոգարան մտա հագնվելու։ Փողկապ կապելիս նայում էի հայելու մեջ, ու տարօրինակ էր թվում, որ քաղաքացիական զգեստ եմ հագել։ Չմոռանամ, որ պետք է մի քանի շապիկ ու գուլպա գնել։
 +
 +
― Երկա՞ր ժամանակով ես գնում, ― հարցրեց Կետրինը։ Նա շատ գեղեցիկ էր անկողնում։ ― Սանրս չե՞ս տա։
 +
 +
Նայում էի, թե նա ինչպես էր սանրվում, թեքել էր գլուխը, և մազերը մի կողմի վրա էին թափվել։ Դրսում արդեն մութ էր, մահճակալի գլխավերևում վառվող լույսը ընկնում էր նրա մազերի, և պարանոցի, և ուսերի վրա։ Մոտեցա, համբուրեցի նրան, մի կողմ տարա ձեռքը և նրա գլուխը խոնարհվեց բարձին։ Համբուրեցի նրա վիզն ու ուսերը։ Այնքան էի նրան սիրում, որ գլխապտույտ էի զգում։
 +
 +
― Չեմ ուզում գնալ։
 +
 +
― Ես էլ չեմ ուզում, որ գնաս։
 +
 +
― Ուրեմն, չեմ գնա։
 +
 +
― Ոչ։ Գնա։ Դա երկար չի տևի չէ՞, և շուտ կվերադառնաս։
 +
 +
― Այստեղ կճաշենք, մեր սենյակում։
 +
 +
― Գնա և շուտ վերադարձիր։
 +
 +
Կոմս Գրեֆին բիլիարդանոցում էր։ Նա տարբեր հարվածների վարժություններ էր կատարում և բիլիարդի սեղանի վրա վառվող լույսի տակ թվում էր շատ փխրուն։ Քիչ այն կողմ, ստվերի մեջ, թղթախաղի մի սեղան կար, սեղանի վրա՝ սառույցով լցված արծաթե մի դույլ, որի միջից դուրս էին ցցվել շամպայնի երկու շշերի վզիկներն ու խցանները։ Երբ ներս մտա, կոմս Գրեֆին ուղղեց մարմինն ու ընդառաջ եկավ։ Սեղմեց ձեռքս։
 +
 +
― Շատ ուրախ եմ ձեզ տեսնելուս։ Զգացված եմ, որ համաձայնեցիք խաղալ հետս։
 +
 +
― Ես էլ եմ զգացված, որ հրավիրեցիք ինձ։
 +
 +
― Ինչպե՞ս է ձեր առողջությունը։ Լսել եմ, որ վիրավորվել եք Իզոնցոյում։ Հուսով եմ, որ արդեն լավ եք։
 +
 +
― Շատ լավ եմ։ Իսկ դո՞ւք։
 +
 +
― Օ, ես միշտ առողջ եմ։ Միայն թե ծերանում եմ։ Արդեն նկատում եմ ծերության նշանները։
 +
 +
― Դժվար է հավատալ։
 +
 +
― Այո։ Ուզո՞ւմ եք, մի օրինակ բերեմ։ Հիմա ինձ համար ավելի հեշտ է իտալերեն խոսել։ Ես ստիպում եմ ինձ, բայց երբ որ հոգնում եմ, ավելի հեշտ եմ իտալերեն խոսում։ Դա վկայում է, որ ծերանում եմ արդեն։
 +
 +
― Կարող եք իտալերեն խոսել։ Ես էլ եմ մի քիչ հոգնած։
 +
 +
― Օ, բայց եթե դուք հոգնել եք, ուրեմն, ձեզ համար ավելի հեշտ է անգլերեն խոսել։
 +
 +
― Ամերիկերեն։
 +
 +
― Այո։ Ամերիկերեն։ Խնդրեմ, ամերիկերեն խոսեք։ Սքանչելի լեզու է։
 +
 +
― Ես հազվադեպ եմ ամերիկացիների հանդիպում։
 +
 +
― Երևի կարոտում եք նրանց։ Ձանձրալի է առանց հայրենակիցների և հատկապես առանց հայրենակցուհիների։ Փորձից գիտեմ։ Խաղա՞նք, թե՞ շատ եք հոգնած։
 +
 +
― Հոգնած չեմ։ Պարզապես կատակեցի։
 +
 +
― Քանի՞ աչք եք տալիս։
 +
 +
― Շատ եք խաղացել վերջերս։
 +
 +
― Բնավ չեմ խաղացել։
 +
 +
― Դուք շատ լավ եք խաղում։ Տա՞սը աչք։
 +
 +
― Դուք գերագնահատում եք ինձ։
 +
 +
― Տասնհի՞նգ։
 +
 +
― Իհարկե լավ է, բայց միևնույն է, դուք ինձ կհաղթեք։
 +
 +
― Դրամի՞ վրա խաղանք։ Դուք միշտ նախընտրում էիք դրամի վրա խաղալ։
 +
 +
― Համաձայն եմ։
 +
 +
― Լավ։ Ես ձեզ տասնութ աչք եմ տալիս, ամեն աչքը՝ մի ֆրանկ։
 +
 +
Նա հրաշալի խաղաց, ու թեև ես առավելություն ունեի, բայց խաղի կեսին միայն չորս միավորով էի նրանից առաջ։ Կոմս Գրեֆին սեղմեց կոճակի զանգը ու կանչեց բարմենին։
 +
 +
― Մի շիշը բացեք, ― խնդրում եմ, ― ասաց նա։ Հետո դարձավ ինձ, ― մի֊մի բաժակ խմենք, տրամադրություններս բարձրանա։
 +
 +
Գինին սառն էր, և շատ չոր, և հաճելի։
 +
 +
― Իտալերեն չխոսե՞նք։ Դեմ չե՞ք։ Հիմա դա իմ թուլությունն է։
 +
 +
Մենք շարունակեցինք խաղալ, ընդմիջումներին գինի ըմպելով ու իտալերեն խոսելով, բայց քիչ էինք խոսում ու կենտրոնացել էինք խաղի վրա։ Կոմս Գրեֆին հարյուրերորդը խփեց, իսկ ես, չնայած ունեցած առավելությանս, ընդամենը իննսունչորս միավոր էի շահել։ Նա ժպտաց ու թփթփացրեց ուսիս։
 +
 +
― Հիմա մենք մյուս շիշն էլ կխմենք, ու դուք մի քիչ պատերազմի մասին կպատմեք։ ― Սպասում էր, որ նստեմ։
 +
 +
― Գուցե ուրիշ բանի մասին, ― ասացի ես։
 +
 +
― Չե՞ք ուզում, դե լավ։ Ի՞նչ եք կարդացել վերջերս։
 +
 +
― Ոչինչ, ― ասացի ես։ ― Կարգին բթացել եմ։
 +
 +
― Ոչ։ Բայց կարդալ անհրաժեշտ է։
 +
 +
― Ինչ է գրվել պատերազմի տարիներին։
 +
 +
― Բարբյուս անունով մի ֆրանսիացի գրել է «Le feu»<ref>Կրակ (ֆր․)։</ref> վեպը։ Հետո՝ «Հետո «Միստր Բրիթլինգն ամեն ինչ տեսնում է»։
 +
 +
― Ոչ, չի տեսնում։
 +
 +
― Ի՞նչ։
 +
 +
― Ամեն ինչ չի տեսնում։ Այդ գրքերը հիվանդանոցում կային։
 +
 +
― Ուրեմն, ինչ֊որ բան այնուամենայնիվ կարդացել եք։
 +
 +
― Այո, բայց ոչ մի լավ գիրք։
 +
 +
― Ինձ թվում է, որ «Միստր Բրիթլինգում» շատ ճիշտ է ուսումնասիրված անգլիական միջին դասակարգի ոգին։
 +
 +
― Ես չգիտեմ, թե ինչ բան է ոգին։
 +
 +
― Խեղճ տղա։ Ոչ ոք չգիտի, թե ոգին ինչ է։ ― Ու հարցրեց, ― դուք croyant<ref>Հավարացյալ (ֆր․)։</ref> եք։
 +
 +
― Գիշերները։
 +
 +
Կոմս Գրիֆին ժպտաց և սկսեց մատներով պտտեցնել բաժակը։
 +
 +
― Կարծում էի, որ ինչքան ծերանամ, այնքան աստվածավախ կդառնամ, բայց չգիտես ինչու, այդպես չեղավ, ― ասաց նա։ ― Շատ եմ ցավում։
 +
 +
― Կուզենայի՞ք մահից հետո ապրել, ― հարցրի ես և անմիջապես զգացի, որ հիմարություն էր մահվան մասին խոսելը։ Բայց նա բանի տեղ չդրեց այդ բառը։
 +
 +
― Նայած ինչպես ես ապրում։ Այս կյանքը շատ հաճելի է։ Կուզենայի հավիտյան ապրել։ ― Նա ժպտաց։ ― Դա ինձ գրեթե հաջողվել է։
 +
 +
Մենք նստել էինք խոր բազկաթոռների մեջ, մեջտեղում՝ մի սեղան, որի վրա դրված էին մեր բաժակները և շամպայնի շշերով արծաթե դույլը։
 +
 +
― Եթե իմ տարիքին հասնեք, շատ բաներ ձեզ տարօրինակ կթվան։
 +
 +
― Դուք ծերունու նման չեք։
 +
 +
― Մարմինն է ծերանում։ Երբեմն վախենում եմ, որ ահա ուր որ է մատս կավիճի ծայրի պես կպոկվի ու կընկնի։ Իսկ ոգին չի ծերանում և իմաստությունը չի ավելանում։
 +
 +
― Դուք իմաստուն եք։
 +
 +
― Ոչ, մոլորություն է կարծել, թե ծերուկներն իմաստուն են։ Ծերուկներն իմաստուն չեն։ Միայն զգույշ են։
 +
 +
― Գուցե հենց դա է իմաստությունը։
 +
 +
― Դա շատ անդուրեկան իմաստություն է։ Ի՞նչն եք ամենից շատ գնահատում։
 +
 +
― Սիրած կնոջը։
 +
 +
― Ես էլ։ Դա իմաստություն չէ։ Գնահատո՞ւմ եք կյանքը;
 +
 +
― Այո։
 +
 +
― Ես էլ։ Որովհետև դա միակ բանն է, որ ունեմ։ Մեկ էլ՝ ծննդյան տարեդարձները, ― ծիծաղեց նա։ ― Ըստ երևույթին, դուք ինձանից ավելի իմաստուն եք։ Չեք տոնում ձեր տարեդարձները։
 +
 +
Երկուսս էլ գինի էինք խմում։
 +
 +
― Իսկապես, ի՞նչ ես մտածում պատերազմի մասին, ― հարցրեց նա։
 +
 +
― Մտածում եմ, որ պատերազմը տխմարություն է։
 +
 +
― Ո՞վ կհաղթի։
 +
 +
― Իտալացիները։
 +
 +
― Ինչո՞ւ։
 +
 +
― Նրանք ավելի երիտասարդ ազգ են։
 +
 +
― Մի՞թե երիտասարդ ազգերը միշտ հաղթում են պատերազմում։
 +
 +
― Որոշ ժամանակ ընդունակ են լինում դրան։
 +
 +
― Իսկ հետո՞։
 +
 +
― Հետո դառնում են ծեր ազգեր։
 +
 +
― Իսկ դուք ասում էիք, թե իմաստուն չեք։
 +
 +
― Սիրելի տղաս, դա իմաստություն չէ։ Ցինիզմ է։
 +
 +
― Բայց ինձ շատ իմաստուն թվաց։
 +
 +
― Ոչ այնքան։ Ես կարող եմ նաև հակառակ ապացույցներ բերել, բայց դա վատ չէ։ Շամպայն չմնա՞ց։
 +
 +
― Գրեթե։
 +
 +
― Ուզո՞ւմ եք էլի խմել։ Հետո գնալու եմ զգեստս փոխեմ։
 +
 +
― Գուցե հիմա չարժե։
 +
 +
― Իսկապե՞ս չեք ուզում։
 +
 +
― Այո։
 +
 +
Նա վեր կացավ։
 +
 +
― Ցանկանում եմ, որ շատ բախտավոր լինեք, շատ երջանիկ և շատ, շատ առողջ։
 +
 +
― Շնորհակալություն։ Իսկ ես ցանկանում եմ, որ հավիտյան ապրեք։
 +
 +
― Շնորհակալություն։ Այդպես էլ անում եմ։ Ու եթե մի օր աստվածավախ դառնաք, աղոթեցեք ինձ համար, երբ ես մեռնեմ։ Ես իմ բարեկամներին արդեն խնդրել եմ այդ մասին։ Կարծում էի, որ ինքս էլ աստվածավախ կդառնամ, բայց չդարձա։
 +
 +
Ինձ թվաց, թե նա տխուր ժպտաց, բայց վստահ չէի։ Նա այնքան էր ծեր և դեմքին այնքան կնճիռներ կային, որ ժպտալիս բոլոր գծերը խառնվում էին իրար ու կորչում էին երանգները։
 +
 +
― Գուցե և աստվածավախ դառնամ, ― ասացի ես։ ― Համենայն դեպս, կաղոթեմ ձեզ համար։
 +
 +
― Ես միշտ հուսացել եմ, որ մի օր աստվածավախ կդառնամ։ Մեր ընտանիքի բոլոր անդամներն էլ աստվածավախ են մահացել։ Բայց չգիտեմ ինչու, ես չդարձա։
 +
 +
― Դեռ շատ շուտ է։
 +
 +
― Գուցե շատ ուշ է։ Գուցե արդեն վերապրել եմ իմ կրոնական զգացմունքները։
 +
 +
― Իսկ իմ կրոնական զգացմունքները միայն գիշերներն են ծնվում։
 +
 +
― Բայց դուք նաև սիրում եք։ Չմոռանաք, որ սերը նույնպես կրոնական զգացում է։
 +
 +
― Կարծո՞ւմ եք։
 +
 +
― Իհարկե։ ― Նա մի քայլ արեց դեպի բիլիարդի սեղանը։ ― Շատ զգացված եմ, որ եկաք ինձ հետ խաղալու։
 +
 +
― Դա ինձ համար մեծ հաճույք էր։
 +
 +
― Եկեք միասին բարձրանանք։
 +
 +
 +
==Գլուխ 36==
 +
 +
Գիշերը փոթորիկ սկսվեց, ես արթնացա ու լսեցի, թե ինչպես էր անձրևը հարվածում պատուհանների ապակիներին։ Ջուրը բաց պատուհանից մտնում էր սենյակ։ Ինչ֊որ մեկը բախեց դուռը։ Անձայն մոտեցա դռանը, որպեսզի չանհանգստացնեի Կետրինին, ու բաց արի։ Բարմենն էր։ Վերարկու էր հագել ու բռնել էր թաց գլխարկը։
 +
 +
― Կարո՞ղ եմ ձեզ բան ասել։
 +
 +
― Ի՞նչ է պատահել։
 +
 +
― Շատ կարևոր բան է։
 +
 +
Շուրջս նայեցի։ Սենյակը մութ էր։ Տեսա, որ պատուհանի տակ ջուր է հավաքվել։
 +
 +
― Մտեք, ― ասացի ես։
 +
 +
Բռնեցի նրա թևից ու տարա լոգարան, փակեցի դուռը և վառեցի լույսը։ Նստեցի վաննայի ծայրին։
 +
 +
― Ի՞նչ է պատահել, Էմիլիո։ Չլինի՞ փորձանքի մեջ եք ընկել։
 +
 +
― Ոչ թե ես, այլ դուք։
 +
 +
― Այ թե ինչ։
 +
 +
― Առավոտյան ձերբակալելու են ձեզ։
 +
 +
― Այ թե ինչ։
 +
 +
― Եկա, որ ասեմ։ Քաղաք էի գնացել և սրճարանում լսեցի նրանց խոսակցությունը։
 +
 +
― Հասկանում եմ։
 +
 +
Թաց վերարկուով, թաց գլխարկը ձեռքին, լուռ կանգնել էր իմ դիմաց։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ են ուզում ինձ ձերբակալել։
 +
 +
― Պատերազմի հետ կապված ինչ֊որ բանի համար։
 +
 +
― Իսկ ի՞նչ բան։
 +
 +
― Չգիտեմ։ Միայն գիտեմ, որ առաջ ձեզ այստեղ տեսել են սպայի համազգեստով, իսկ հիմա՝ քաղաքացիական հագուստներով։ Նահանջից հետո բոլորին էլ ձերբակալում են։
 +
 +
Մի պահ մտածմունքի մեջ ընկա։
 +
 +
― Ո՞ր ժամին են գալու։
 +
 +
― Առավոտյան։ Ժամը չգիտեմ։
 +
 +
― Ի՞նչ եք խորհուրդ տալիս անել։
 +
 +
Նա գլխարկը դրեց լվացարանի մեջ։ Շատ թաց էր, և ջուրն անընդհատ գետին էր կաթկթում։
 +
 +
― Եթե վախենալու պատճառ չունեք, մի մտահոգվեք։ Բայց ձերբակալությունը միշտ էլ տհաճ բան է, հատկապես՝ հիմա։
 +
 +
― Չեմ ուզում, որ ինձ ձերբակալեն։
 +
 +
― Այդ դեպքում, գնացեք Շվեյցարիա։
 +
 +
― Ինչպե՞ս։
 +
 +
― Իմ նավակով։
 +
 +
― Փոթորիկ է, ― ասացի ես։
 +
 +
― Փոթորիկն անցավ։ Ջուրն ալեկոծ է, բայց մի կերպ գլուխ կհանեք։
 +
 +
― Ե՞րբ գնանք։
 +
 +
― Հենց հիմա։ Կարող են առավոտ շուտ գալ։
 +
 +
― Իսկ մեր ճամպրուկնե՞րը։
 +
 +
― Հավաքեք։ Թող ձեր լեյդին հագնվի։ Ես կհոգամ ճամպրուկների մասին։
 +
 +
― Որտե՞ղ կլինեք։
 +
 +
― Այստեղ կսպասեմ։ Չեմ ուզում, որ ինձ միջանցքում տեսնեն։
 +
 +
Բաց արի դուռը, հետո փակեցի ու մտա ննջարան։ Կետրինն արթուն էր։
 +
 +
― Ի՞նչ է պատահել, սիրելիս։
 +
 +
― Ոչինչ Կետ, ոչինչ, ― ասացի ես։ ― Ուզո՞ւմ ես հենց հիմա հագնվել և նավակով Շվեյցարիա գնալ։
 +
 +
― Իսկ դո՞ւ։
 +
 +
― Ոչ, ― ասացի ես։ ― Կուզենայի նորից անկողնում պառկել։
 +
 +
― Իսկ ի՞նչ է պատահել։
 +
 +
― Բարմենն ասում է, որ առավոտյան գալու են ինձ ձերբակալելու։
 +
 +
― Հո չի՞ գժվել բարմենը։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Այդ դեպքում, խնդրում եմ շտապիր, սիրելիս, որպեսզի անմիջապես գնանք։ ― Նա նստեց մահճակալի ծայրին։ Դեռ քնատ էր։ ― Լոգարանո՞ւմ է բարմենը։
 +
 +
― Այո։
 +
 +
― Դե լավ, չեմ լվացվի։ Խնդրում եմ, ինձ մի նայիր, սիրելիս, ես մի րոպեում կհագնվեմ։
 +
 +
Գիշերազգեստը հանելիս, ես տեսա նրա սպիտակ մեջքը, ապա շուռ եկա, քանի որ նա այդպես էր ցանկացել։  Հղիությունից հետո արդեն սկսել էր գիրանալ, և չէր ուզում, որ ես տեսնեի նրան։ Հագնվում էի ու լսում անձրևի ձայնը։ Ես գրեթե ոչինչ չունեի ճամպրուկի մեջ դնելու։
 +
 +
― Կետ, եթե քեզ պետք է, իմ ճամպրուկի մեջ դեռ շատ տեղ կա։
 +
 +
― Ես գրեթե ամեն ինչ տեղավորեցի, ― ասաց նա։ ― Սիրելիս, ես սարսափելի բութ եմ, բայց ինչո՞ւ է բարմենը լոգարանում։
 +
 +
― Ս֊ս֊ս, սպասում է, որ ճամպրուկները տանի։
 +
 +
― Ինչ հոյակապ մարդ է։
 +
 +
― Նա իմ հին բարեկամն է, ― ասացի ես։ ― Մի անգամ քիչ էր մնում, որ ծխամորճի թութուն ուղարկեի իրեն։
 +
 +
Բաց պատուհանից նայեցի դրսի խավարին։ Լիճը չէր երևում, խավար էր ու անձրև, և քամին հանդարտվել էր։
 +
 +
― Պատրաստ եմ, սիրելիս, ― ասաց Կետրինը։
 +
 +
― Լավ։ ― Մոտեցա լոգարանի դռանը։ ― Ահա ճամպրուկները, Էմիլիո, ― ասացի ես։
 +
 +
Բարմենը վերցրեց երկու ճամպրուկները։
 +
 +
― Ես շատ զգացված եմ, որ օգնում եք մեզ, ― ասաց Կետրինը։
 +
 +
― Դատարկ բան է, Լեյդի, ― ասաց բարմենը։ ― Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ ձեզ օգնել, միայն թե ինքս փորձանքի մեջ չընկնեմ։ Լսեք, ― նա ասաց ինձ, ― ես սպասավորների աստիճաններով կիջնեմ և ուղիղ կգնամ դեպի նավակը։ Իսկ դուք հանգիստ գնացեք, կարծես զբոսանքի եք դուրս գալիս։
 +
 +
― Իսկական զբոսանքի գիշեր է, ― ասաց Կետրինը։
 +
 +
― Ինչ խոսք, որ վատ գիշեր է։
 +
 +
― Գոնե լավ է, որ հովանոց ունեմ, ― ասաց Կետրինը։
 +
 +
Անցանք միջանցքով և իջանք հաստ գորգով ծածկված աստիճաններով։ Խցիկում, մուտքի մոտ, նստել էր դռնապանը։
 +
 +
Տեսավ մեզ ու շատ զարմացավ։
 +
 +
― Ուզում եք դո՞ւրս գալ, սըր, ― հարցրեց նա։
 +
 +
― Այո, ― ասացի ես։ ― Ուզում ենք փոթորկի ժամանակ տեսնել լիճը։
 +
 +
― Իսկ հովանոց ունե՞ք, սըր։
 +
 +
― Ոչ, ― ասացի ես։ ― Վերարկուս անջրանցիկ է։
 +
 +
Նա կասկածանքով նայեց վերարկուիս։
 +
 +
― Ես ձեզ հովանոց կտամ, սըր, ― ասաց նա։ Գնաց, և մի մեծ հովանոց բերեց։ ― Մի քիչ մեծ է, սըր, ― ասաց նա։ Ես նրան տասը լիրա տվեցի։ ― Օ, դուք շատ բարի եք, սըր։ Շատ շնորհակալ եմ, ― ասաց նա։
 +
 +
Բաց արեց դուռը ու մենք դուրս եկանք անձրևի տակ։ Նա ժպտաց Կետրինին, ու Կետրինն էլ՝ նրան։
 +
 +
― Երկար չմնաք փոթորիկին, ― ասաց նա։ ― Կթրջվեք, սըր և լեյդի։
 +
 +
Նա ընդամենը կրտսեր դռնապան էր և դեռևս ամեն ինչ բառացի էր անգլերեն թարգմանում։
 +
 +
― Շուտ կվերադառնանք, ― ասացի ես։
 +
 +
Հսկայական հովանոցը բռնած, քայլեցինք ճանապարհով, հետո անցանք մութ և թաց պարտեզի միջով ու դուրս եկանք խճուղի, կտրեցինք խճուղին և հասանք թփուտներով եզրապատված լճափնյա արահետը։ Հիմա քամին փչում էր ափի կողմից։ Նոյեմբերյան խոնավ և ցուրտ քամի էր, ու ես գիտեի, որ լեռներում ձյուն է գալիս։ Անցանք քարափի շղթայակապ նավակների կողքով, որոնցից մեկը պետք է բարմենինը լիներ։ Ջուրը քարից ավելի մուգ էր, բարմենը դուրս եկավ ծառերի ետևից։
 +
 +
― Ճամպրուկները նավակում են, ― ասաց նա։
 +
 +
― Ուզում եմ վճարել նավակի գինը, ― ասացի ես։
 +
 +
― Ինչքա՞ն փող ունեք։
 +
 +
― Ոչ շատ։
 +
 +
― Փողը հետո կուղարկեք։ Այդպես ավելի լավ կլինի։
 +
 +
― Ինչքա՞ն։
 +
 +
― Ինչքան որ ուզենաք։
 +
 +
― Չէ, ասեք ինչքան։
 +
 +
― Եթե բարեհաջող հասնեք, հինգ հարյուր ֆրանկ ուղարկեցեք։ Դա ձեզ նեղություն չի պատճառի, եթե հասնեք։
 +
 +
― Լավ։
 +
 +
― Սենդվիչ վերցրեք։ ― Նա մի կապոց մեկնեց ինձ։ ― Բարում ինչ որ գտա դրեցի մեջը։ Սա էլ մի շիշ կոնյակ ու մի շիշ գինի։
 +
 +
Ամեն ինչ տեղավորեցի իմ ճամպրուկում։
 +
 +
― Թույլ տվեք գոնե սրանց համար վճարել։
 +
 +
― Լավ, հիսուն լիրա տվեք։
 +
 +
Տվեցի։
 +
 +
― Լավ կոնյակ է, ― ասաց նա։ ― Կարող եք առանց վախենալու ձեր լեյդիին տալ։ Թող նավակի մեջ նստի։
 +
 +
Նա բռնեց նավակը, որը մեկ բարձրանում, մեկ իջնում էր քարափի տակ, ու ես օգնեցի Կետրինին։ Նա նստեց նավախելի մոտ և փաթաթվեց անձրևաթիկնոցով։
 +
 +
― Գիտե՞ք ինչպես եք գնալու։
 +
 +
― Դեպի հյուսիս։
 +
 +
― Իսկ գիտե՞ք ուր։
 +
 +
― Դեպի Լուինո։
 +
 +
― Լուինո, Կաներո, Կաննոբիո, Տրանցանո, Բրիսսագո հասնելուց հետո Շվեյցարիայում կլինեք։ Պետք է անցնեք Մոնտե Տամարան։
 +
 +
― Ժամը քանի՞սն է, ― հարցրեց Կետրինը։
 +
 +
― Դեռ տասնմեկն է, ― ասացի ես։
 +
 +
― Եթե անընդհատ թիավարեք, առավոտյան ժամը յոթին կհասնեք։
 +
 +
― Այդքան հեռո՞ւ է։
 +
 +
― Երեսունհինգ կիլոմետր։
 +
 +
― Ինչպե՞ս ենք գնալու։ Կողմնացույց էր պետք այս անձրևին։ ― Ոչ։ Նախ գնացեք դեպի Իզոլա Բելլա, իսկ երբ անցնեք Իզոլա Մադրեն, քամու ուղղությամբ թիավարեք։ Քամին ձեզ կտանի Պալանցա։ Լույսեր կտեսնեք։ Հետո գնացեք ափի մոտով։
 +
 +
― Քամին կարող է փոխել ուղղությունը։
 +
 +
― Ոչ, ― ասաց նա։ ― Այս քամին երեք օր էլ կփչի։ Ուղիղ Մոտերոնեից է փչում։ Սա էլ թիթեղատուփ է, որպեսզի դատարկեք ջուրը։
 +
 +
― Թույլ տվեք, որ նավակի գնի մի մասը վճարեմ։
 +
 +
― Ոչ, ուզում եմ բախտս փորձել։ Եթե տեղ հասնեք, ինչքան որ կարող եք, կվճարեք։
 +
 +
― Դե լավ։
 +
 +
― Չեմ կարծում, որ խեղդվեք։
 +
 +
― Փառք աստծո։
 +
 +
― Քամու ուղղությամբ գնացեք։
 +
 +
― Լավ։ ― Ցատկեցի նավակի մեջ։
 +
 +
― Հյուրանոցի դրամը թողեցի՞ք։
 +
 +
― Այո։ Սենյակում, ծրարի մեջ։
 +
 +
― Դե լավ։ Բարի ճանապարհ, tenente:
 +
 +
― Ցտեսություն։ Շատ շնորհակալ եմ ձեզնից։
 +
 +
― Եթե խեղդվեք, էլ ինչ շնորհակալություն։
 +
 +
― Ի՞նչ է ասում, ― հարցրեց Կետրինը։
 +
 +
― Ասում է բարի ճանապարհ։
 +
 +
― Հաջողություն, ― ասաց Կետրինը։ ― Շատ շնորհակալ ենք։
 +
 +
― Պատրա՞ստ եք։
 +
 +
― Այո։
 +
 +
Նա կռացավ ու հրեց նավակը։ Թիերը մտցրի ջրի մեջ ու ձեռքով արեցի նրան։ Նա ևս ձեռքով արեց ու հասկացրեց, որ զգույշ լինենք։ Տեսա հյուրանոցի լույսերը, սկսեցի թիավարել և անընդհատ ուղիղ գնալ, մինչև որ լույսերն անհետացան տեսողությունից։ Շուրջն իսկական ծովային ալեկոծություն էր, բայց մենք քամու ուղղությամբ էինք գնում։
 +
 +
 +
==Գլուխ 37==
 +
 +
Թիավարում էի մթության մեջ և աշխատում էի այնպես անել, որ քամին երեսիս փչեր։ Անձրևը դադարել էր ու միայն երբեմն հանկարծ նորից ուժգին գալիս էր ու կտրվում։ Տեսնում էի նավախելի մոտ նստած Կետրինին, բայց երբ թիաբերանը մտնում էր ջրի մեջ, ջուրը չէր երևում։ Թիերը երկար էին և փոկերով չէին ամրացված։ Իջեցնում էի ջրի մեջ, բարձրացնում, առաջ տանում, նորից իջեցնում և աշխատում էի հնարավորին չափ թեթև թիավարել։ Քամին համընթաց էր, դրա համար էլ տափակողմով չէի թիավարում։ Գիտեի, որ բշտիկներ են գոյանալու ձեռքերիս վրա և ուզում էի, որ դա հնարավորին չափ ուշ լիներ։ Նավակը թեթև էր և հեշտությամբ էր թիավարվում։ Անընդհատ քշում էի մութ ջրերի վրայով։ Ոչինչ չէր երևում, բայց հույս ունեի, որ շուտով Պալանցա կհասնենք։
 +
 +
Պալանցան չտեսանք։ Քամին հարավից էր փչում, ու մթության մեջ մենք անցանք այն հրվանդանի մոտով, որ ծածկում էր Պալանցան ու չտեսանք քաղաքի լույսերը։ Ու երբ վերջապես բավական հեռվում, գրեթե ափի մոտ, լույսեր երևացին, հասկացանք, որ Ինդրա ենք հասել։ Բայց երկար ժամանակ ընդհանրապես ոչ մի լույս չտեսանք, ափը չէր երևում, բայց համառորեն թիավարում էինք ու սահում ջրերի վրայով։ Երբեմն ալիքը բարձրացնում էր նավակը, ու ես մթության մեջ թիերը թափահարում էի օդում։ Լիճը դեռևս չէր հանդարտվել, բայց մենք շարունակում էինք առաջ գնալ, մինչև որ հանկարծ դեմ առանք մի ժայռի ու քիչ էր մնում  բախվեինք։ Ալիքները խփում էին ժայռին, վեր թռչում և նորից ցած ընկնում։ Ես ամբողջ ուժով հենվեցի աջ թիի վրա, ձախով դարձրի նավակը, ու մենք հեռացանք ափից։ Ժայռն անհետացավ տեսողությունից, ու մենք նորից առաջ շարժվեցինք։
 +
 +
― Արդեն մյուս ափն ենք հասել, ― ասացի Կետրինին։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ Պալանցան չտեսանք։
 +
 +
― Կողքից անցանք։
 +
 +
― Ինչպե՞ս ես, սիրելիս։
 +
 +
― Լավ եմ։
 +
 +
― Ես կարող եմ մի քիչ թիավարել։
 +
 +
― Ոչ, կարիք չկա։
 +
 +
― Խեղճ Ֆերգյուսոն, ― ասաց Կետրինը։ ― Առավոտյան հյուրանոց է գալու և տեսնելու է, որ մենք չկանք։
 +
 +
― Դա ինձ այնքան էլ չի մտահոգում, ― ասացի ես։ ― Միայն թե ինչպես անեինք, որ մինչև լուսաբաց Շվեյցարիա հասնեինք ու մաքսատան պահակախումբը չնկատեր մեզ։
 +
 +
― Դեռ շա՞տ կա։
 +
 +
― Մոտ երեսուն կիլոմետր։
 +
 +
 +
Ամբողջ գիշեր թիավարում էի։ Ի վերջո ափերս այնքան սկրթվեցին, որ հազիվ էի կարողանում թիերը բռնել։ Մի քանի անգամ քիչ էր մնում, որ դարձյալ խփվեինք ափին։ Ես ափից չէի հեռանում, վախենալով, որ կշեղվենք ճանապարհից ու ժամանակ կկորցնենք։ Երբեմն այնքան էի մոտենում, որ տեսնում էինք առափնյա ճանապարհը, ծառերի շարքերն ու մոտակա լեռները։ Անձրևը դադարեց, և երբ քամին ցրեց ամպերը, լուսինը դուրս եկավ, ու ես ետ նայեցի և տեսա Կաստանյոլայի երկար ու մթին հրվանդանը, և սպիտակ գլխարկ հագած լիճը, և բարձրաբերձ լեռների ձյուների վրա նստած լուսինը։ Հետո ամպերը նորից ծածկեցին երկինքը, և լեռներն ու լիճն անհետացան, բայց արդեն առաջվանից լուսավոր էր, ու ափը երևում էր։ Նույնիսկ շատ պարզ էր երևում, ու ես բավական հեռու քշեցի նավակը, որպեսզի մաքսատան պահակախումբը չկարողանա Պալանցայի ճանապարհից մեզ նկատել, եթե, իհարկե, այնտեղ լիներ։ Երբ լուսինը նորից դուրս եկավ, մենք տեսանք լեռնալանջերին տարածված առանձնատներն ու ծառերի արանքներից երևացող ճանապարհը։ Ես անընդհատ թիավարում էի։
 +
 +
Լիճը լայնացավ, ու հանդիպակաց ափին, լեռների ստորոտում, լույսեր երևացին, երևի հասել էինք Լուինո։ Լեռների միջև սեպաձև մի կիրճ տեսա, ու մտածեցի, որ հավանաբար, հենց դա էլ Լուինոն։ Եթե իսկապես այդպես էր, ուրեմն մենք ահագին ճանապարհ էինք կտրել։ Թիերը հանեցի ջրից, դրեցի նավակի հատակին ու պառկեցի մեջքի վրա։ Ես շատ, շատ էի հոգնել թիավարելուց։ Թևերս, ուսերս, մեջքս սաստիկ ցավում էին, և ափերս կարգին սկրթվել էին։
 +
 +
― Հովանոցը չբացե՞մ, ― ասաց Կետրինը։ ― Քամին կտանի նավակը։
 +
 +
― Կարո՞ղ ես մի քիչ քշել։
 +
 +
― Կարծում եմ։
 +
 +
― Թին թևիդ տակ դիր, սեղմիր նավակողին ու քշիր։ Իսկ ես հովանոցը կպահեմ։
 +
 +
Տեղափոխվեցի դեպի նավախելը և նրան ցույց տվի, թե ինչպես պետք է բռնել թին։ Նստեցի նավաքթի դիմաց, վերցրի դռնապանի տված մեծ հովանոցը ու բաց արի։ Շրխկոցով բացվեց։ Կոթն ամրացրել էի նստատեղի տակ, նստել վրան ու բռնել երկու ծայրերից։ Քամին ուղիղ հովանոցի վրա էր փչում ու, ամբողջ ուժով երկու ծայրերից բռնած, զգացի, թե ինչպես նավակն առաջ գնաց։ Հովանոցը փախչում էր ձեռքիցս։ Նավակն արագ էր շարժվում։
 +
 +
― Թռչում ենք, ― ասաց Կետրինը։
 +
 +
Բացի հովանոցի ճաղերից, ուրիշ ոչինչ չէի տեսնում։ Հովանոցը ձգում էր ինձ ու փախչում ձեռքիցս, ու ես զգում էի, թե ինչպես ենք առաջ սլանում։ Ոտքերով ամուր սեղմեցի կոթը և, ավելի ուժեղ բռնեցի ծայրերից, հետո հանկարծ ճաղը ծռվեց ու խփվեց ճակատիս, փորձեցի բռնել վերնամասը, որ ճկվել էր քամուց, բայց ամբողջ հովանոցը ծռվեց, շրջվեց հակառակ կողմի վրա, ու ես, որ դեռ քիչ առաջ բռնել էի օդից ուռած առագաստը, հիմա նստած էի պատառոտված հովանոցի կոթի վրա։ Նստատեղի տակից հանեցի կոթը, հովանոցը գցեցի հատակին ու գնացի Կետրինի մոտ։ Նա ծիծաղում էր։ Բռնեց ձեռքս ու շարունակեց ծիծաղել։
 +
 +
― Ի՞նչ պատահեց։ ― Թին վերցրի։
 +
 +
― Այնքան ծիծաղելի էիր այդ բանը բռնած։
 +
 +
― Պատկերացնում եմ։
 +
 +
― Մի նեղանա, սիրելիս։ Այնքան ծիծաղելի էր։ Կարծես քսան ոտնաչափ լիներ լայնքդ, և այնպիսի խանդավառությամբ էիր բռնել հովանոցի ծայրերը․․․ Նա թուլացել էր ծիծաղից։
 +
 +
― Հիմա ես կթիավարեմ։
 +
 +
― Հանգստացիր ու մի քիչ խմիր։ Հոյակապ գիշեր է, ու մենք երկար ճանապարհ ենք անցել։
 +
 +
― Պետք է լայնքով դնել նավակը։
 +
 +
― Հիմա ես խմիչք կտամ։ Իսկ հետո հանգստացիր։
 +
 +
Թիերը բարձրացրի, ու մենք սկսեցինք օրորվել ալիքների վրա։ Կետրինը բաց արեց ճամպրուկը։ Մեկնեց կոնյակի շիշը։ Գրպանի դանակով հանեցի խցանը ու բավական խմեցի։ Թունդ կոնյակ էր, ամբողջ մարմնիս մեջ ջերմություն տարածվեց, ու ես տաքացա և առույգ զգացի ինձ։
 +
 +
― Լավ կոնյակ է, ― ասացի ես։
 +
 +
Լուսինը նորից ամպի տակ էր մտել, բայց ափը երևում էր։ Հեռվում, լճի մեջ ցցվել էր մի երկար ու նեղ թերակղզի։
 +
 +
― Չե՞ս մրսում, Կետ։
 +
 +
― Շատ լավ եմ։ Միայն ոտքերս են թմբրել։
 +
 +
― Հատակի ջուրը դատարկիր, որպեսզի կարողանաս ոտքերդ ձգել։
 +
 +
Շարունակեցի քշել նավակը, ականջ դնելով թիակալի ճռռոցին ու նավախելի նստատեղի տակից լսվող թիթեղամանի քրթքրթոցին։
 +
 +
― Ամանը չե՞ս տա, ― ասացի ես։ ― Ուզում եմ խմել։
 +
 +
― Շատ կեղտոտ է։
 +
 +
― Ոչինչ։ Կողողեմ։
 +
 +
Լսում էի, թե ինչպես էր Կետրինը ողողում թիթեղամանը։ Հետո լիքը ջուր լցրեց ու մեկնեց ինձ։ Կոնյակից հետո շատ էի ծարավել, և ջուրը սառույցի չափ պաղ էր, այնքան պաղ, որ ատամներս ցավեցին։ Նայեցի դեպի ափը։ Արդեն մոտենում էինք թերակղզուն։ Լճախորշում լույսեր էին երևում։
 +
 +
― Շնորհակալություն, ― ասացի ես ու վերադարձրի անագե թիթեղամանը։
 +
 +
― Միշտ պատրաստ եմ ձեզ ծառայել, ― ասաց Կետրինը։
 +
 +
― Դեռ շատ ջուր կա, եթե ցանկանաք։
 +
 +
― Մի բան ուտեիր։
 +
 +
― Չես ուզո՞ւմ մի բան ուտել։
 +
 +
― Ոչ։ Քիչ հետո։ Ուտելիքը պահենք, մինչև որ կարգին սովածանանք։
 +
 +
― Լավ։
 +
 +
Այն, ինչ հեռվից թերակղզի էր թվում, երկարավուն ու բարձր մի հրվանդան էր։ Ես նավակը քշեցի դեպի լճի խորքը, որպեսզի շրջանցեինք հրվանդանը։ Լիճն այստեղ անհամեմատ նեղ էր։ Լուսինը նորից դուրս եկավ ու եթե guardia di finanza-ն<ref>Մաքսատան պահակախումբը (իտ․)։</ref> հեռվից հետևեր մեզ, ապա կարող էր տեսնել, թե ինչպես էր մեր նավակը ջրի վրա սևին տալիս։
 +
 +
― Ինչպե՞ս ես, Կետ։
 +
 +
― Շատ լավ։ Որտե՞ղ ենք հիմա։
 +
 +
― Ինձ թվում է, որ ութ մղոնից ավելի չի մնացել։
 +
 +
― Իմ խեղճ տղա, ուրեմն, դեռ շատ կա։ Կենդանի՞ ես դեռ։
 +
 +
― Այո։ Լավ եմ զգում։ Միայն ափերս են սկրթվել։
 +
 +
Մենք անընդհատ դեպի հյուսիս էինք գնում։ Լճի աջ կողմում լեռնաշղթան կտրվում էր, և զառիվարն իջնում, հասնում էր ցածրիկ ափին, որտեղ, ինչպես ինձ թվում էր, Կաննոբիոն պետք է լիներ։ Ես շատ հեռացա ափից, որովհետև հատկապես այս վայրերում ամենից ավելի հավանական էր guardia֊ի հանդիպելը։ Մյուս ափին գմբեթաձև և բարձր լեռ կար։ Ես հոգնեցի։ Քիչ տարածություն էր մնացել, բայց երբ ուժասպառ ես, դա էլ է երկար թվում։ Գիտեի, որ հարկավոր էր անցնել այդ լեռը, հետո ամենաքիչը հինգ մղոն էլ թիավարել, մինչև որ մտնեինք շվեյցարական ջրերը։ Լուսինն ահա ուր որ է պիտի դուրս գար, բայց մինչ այդ ամպերը դարձյալ ծածկեցին երկինքը, և շուրջը խավար տիրեց։ Նավակը հեռացել էր ափից, ու ես երբեմն հանգստանում էի և թիերն այնպես բարձրացնում, որ քամին տափակողերին փչեր։
 +
 +
― Տուր մի քիչ էլ ես թիավարեմ, ― ասաց Կետրինը։
 +
 +
― Ինձ թվում է, չի կարելի։
 +
 +
― Հիմար բաներ ես ասում։ Դա նույնիսկ օգտակար է ինձ համար։ Գոնե ոտքերս չեմ թմբրի։
 +
 +
― Երևի չի կարելի, Կետ։
 +
 +
― Հիմարություն։ Թիավարությունն օգտակար է հղի կանանց համար, միայն թե չափը չանցկացնես։
 +
 +
― Դե լավ, թիավարիր։ Առանց չափն անցկացնելու։ Եկ տեղներս փոխենք։ Եզրերից բռնիր, որ չընկնես։
 +
 +
Նստել էի նավախելին, բարձրացրել վերարկուիս օձիքը և նայում էի, թե ինչպես էր Կետրինը թիավարում։ Շատ լավ էր թիավարում, բայց թիերը երկար էին ու անհանգստացնում էին նրան։ Բաց արի ճամպրուկը, երկու հատ սենդվիչ կերա ու կոնյակ խմեցի։ Ավելի լավ զգացի ու էլի խմեցի։
 +
 +
― Երբ որ հոգնես, կասես, ― ասացի ես։ Հետո քիչ անց՝ ― տես թիերը չկպչեն փորիդ։
 +
 +
― Եթե կպչեին․․․ ― հարվածների արանքում ասաց Կետրինը, ― կյանքն ավելի պարզ կդառնար։
 +
 +
Ես էլի կոնյակ խմեցի։
 +
 +
― Հը, ինչպե՞ս ես։
 +
 +
― Լավ եմ։
 +
 +
― Երբ որ հոգնես, ասա ինձ։
 +
 +
― Լավ։
 +
 +
Ես էլի կոնյակ խմեցի, հետո, նավակի եզրից բռնելով, մի փոքր առաջ գնացի։
 +
 +
― Պետք չէ։ Այսպես լավ է։
 +
 +
― Գնա նավախելին նստիր։ Հանգստացա արդեն։
 +
 +
Կոնյակ խմելուց հետո, որոշ ժամանակ թափով ու հեշտությամբ էի թիավարում։ Հետո թիերն սկսեցին փախչել ձեռքիցս, հարվածները դարձան կարճ և բերանիս մեջ զգացի թեթև ու անորսալի դառնահամ, որովհետև կոնյակից հետո շատ ուժեղ էի թիավարել։
 +
 +
― Խնդրում եմ, մի քիչ ջուր տուր, ― ասացի ես։
 +
 +
― Դրանից հեշտ բա՞ն, ― ասաց Կետրինը։
 +
 +
Լուսաբացից առաջ թեթև անձրև եկավ։ Քամին հանդարտվեց, գուցե մեզ պաշտպանում էին լեռները, որոնք շրջապատել էին լճի կորագիծ ափերը։ Երբ զգացի, որ արդեն լուսանում է, ավելի հարմար տեղավորվեցի ու սկսեցի ամբողջ ուժով թիավարել։ Չգիտեի, թե որտեղ ենք և ուզում էի ժամ առաջ շվեյցարական ջրերը մտնել։ Երբ լույսը բացվեց, մենք մոտեցել էինք լճափին։ Երևում էին ժայռոտ ափն ու ծառերը։
 +
 +
― Սա ի՞նչ է, ― ասաց Կետրինը։
 +
 +
Թողեցի թիերը ու ականջ դրեցի։ Շարժանավի ձայն էր։ Մոտեցանք ափին ու կանգ առանք։ Ձայնն ավելի հստակ լսվեց, հետո, մեզնից ոչ հեռու, անձրևի տակ մի շարժանավ տեսանք։ Նավախելին նստած էին չորս guardia di finanza, որոնք ճակատներն էին քաշել իրենց ալպիական գլխարկները, բարձրացրել օձիքները ու կարաբիններն ուսին գցել։ Առավոտվա այս վաղ ժամին չորսն էլ քնատ էին երևում։ Ես տեսնում էի նրանց գլխարկների և օձիքների դեղին տարբերանշանները։ Շարժանավն աղմուկով հեռացավ ու անհետացավ անձրևի տակ։
 +
 +
Նավակը քշեցի դեպի լճի կենտրոնը։ Եթե իրոք այդքան մոտեցել էինք սահմանին, չէի ուզենա, որ ժամապահներից մեկը ափից ձայն տար մեզ։ Հեռացա այնքան, որ ափը չկորչեր տեսողությունից, ու դեռ երեք քառորդ ժամ էլ թիավարեցի անձրևի տակ։ Մի անգամ ևս շարժանավի ձայն լսվեց, ու ես սպասեցի մինչև որ շարժիչի աղմուկը աստիճանաբար նվազեց ու լռեց հեռվում։
 +
 +
― Կարծես թե Շվեյցարիա ենք հասել, Կետ, ― ասացի ես։
 +
 +
― Իսկապե՞ս։
 +
 +
― Հաստատ չեմ կարող իմանալ, մինչև որ շվեյցարական բանակ չտեսնենք։
 +
 +
― Կամ շվեյցարական նավատորմ։
 +
 +
― Շվեյցարական նավատորմը մեզ համար կատակ բան չէ։ Շարժանավը, որի ձայնը քիչ առաջ լսեցինք, երևի հենց շվեյցարական նավատորմն է։
 +
 +
― Եթե Շվեյցարիայում ենք, գոնե արի մի փառավոր նախաճաշ անենք։ Շվեյցարիայում հոյակապ կարագ, մուրաբա և բուլկիներ կան։
 +
 +
Արդեն կարգին լույս էր, և բարակ անձրև էր մաղում։ Հարավից դեռ քամի էր փչում, ու լճի խորքում երևում էին սպիտակ գլխարկների կատարները։ Հիմա արդեն վստահ էի, որ Շվեյցարիայում ենք։ Ծառերի արանքներից խրճիթներ էին երևում, իսկ քիչ ավելի հեռվում, լճափին՝ քարաշեն տներով մի գյուղակ, բլրի վրա՝ մի քանի առանձնատուն ու մի եկեղեցի։ Նայեցի, թե արդյոք պահակախումբ չկա՞ր գետափնյա ճանապարհին, բայց ոչ ոքի չտեսա։ Հետո ճանապարհը բոլորովին մոտեցավ լճին, ու ես տեսա, թե ինչպես ճամփեզրի սրճարանից մի զինվոր դուրս եկավ։ Նա հագել էր մոխրականաչ համազգեստ ու գերմանականի նմանվող սաղավարտ դրել։ Առույգ դեմք ուներ ու ցցված բեղիկներ։ Տեսավ ու նայեց մեզ։
 +
 +
― Ձեռքով արա, ― ասացի Կետրինին։
 +
 +
Նա ձեռքով արեց, և զինվորը շփոթված ժպտաց ու նույնպես ձեռքով արեց։ Ես սկսեցի ավելի դանդաղ թիավարել։ Անցանք գյուղակի մոտով։
 +
 +
― Երևի արդեն վաղուց Շվեյցարիայում ենք, ― ասացի ես։
 +
 +
― Պետք է վստահ լինենք, սիրելիս։ Մեկ էլ տեսար սահմանից ետ կուղարկեն մեզ։
 +
 +
― Սահմանը հեռու է։ Սա երևի մաքսատան պահակակետն է։ Գրեթե վստահ եմ, որ մենք Բրիսագոյում ենք։
 +
 +
― Իսկ այստեղ իտալացիներ չկա՞ն։ Մաքսատան պահակետերում միշտ էլ հարևան երկրներից եկած մարդիկ են լինում։
 +
 +
― Ո՛չ պատերազմի ժամանակ։ Դժվար թե թույլ տան, որ իտալացիները սահմանն անցնեն։
 +
 +
Դա շատ գեղեցիկ քաղաք էր։ Քարափի մոտ ձկնորսական շատ նավակներ կային, և ձողերի վրա ցանցեր էին կախված։ Նոյեմբերյան հաճելի անձրև էր գալիս և անձրևի տակ անգամ այստեղ ամեն ինչ ուրախ էր ու մաքուր։
 +
 +
― Արի նավակը կապենք, գնանք նախաճաշելու։
 +
 +
― Լավ։
 +
 +
Ամբողջ ուժս դրեցի ձախ թիի վրա, նավակը մոտեցրի քարափին ու կանգնեցրի կողքի վրա։ Բարձրացրի թիերը, դրեցի հատակին, ապա բռնեցի երկաթե շղթայից, ոտքս դրի թաց քարի վրա ու մտա Շվեյցարիա։ Կապեցի նավակը ու ձեռքս մեկնեցի Կետրինին։
 +
 +
― Արի, Կետ։ Սքանչելի զգացում է։
 +
 +
― Իսկ ճամպրուկնե՞րը։
 +
 +
― Թող նավակում մնան։
 +
 +
Կետրինը դուրս եկավ ու մենք միասին Շվեյցարիա մտանք։
 +
 +
― Ինչ հրաշալի երկիր է, ― ասաց նա։
 +
 +
― Սքանչելի է, չէ՞։
 +
 +
― Գնանք նախաճաշենք։
 +
 +
― Սքանչելի երկիր է, չէ՞։ Քայլելն անգամ հաճելի է։
 +
 +
― Ոտքերս այնքան են թմրել, որ ոչինչ չեմ զգում, բայց հրաշալի երկիր է։ Հասկանո՞ւմ ես, սիրելիս, որ մենք արդեն այստեղ ենք, որ մենք ազատվել ենք այդ անիծյալ երկրից։
 +
 +
― Այո։ Իսկապես հասկանում եմ։ Ոչ մի բան այսքան պարզ չեմ հասկացել երբեք։
 +
 +
― Տներին նայիր։ Տես ինչ գեղեցիկ հրապարակ է։ Հենց այդտեղ էլ կարելի է նախաճաշել։
 +
 +
― Իսկ անձրևը հաճելի չէ՞։ Իտալիայում երբեք այսպիսի անձրև չի գալիս։ Սա ուրախ անձրև է։
 +
 +
― Եվ մենք այստեղ ենք, սիրելիս։ Հասկանո՞ւմ ես, որ այստեղ ենք։
 +
 +
Սրճարան մտանք և նստեցինք փայտե մաքուր սեղանի մոտ։ Հարբածի նման էինք։ Եկավ գոգնոց կապած մի հրաշալի ու մաքրատես կին և հարցրեց, թե ինչ ենք ցանկանում։
 +
 +
― Բուլկի և մուրաբա և սուրճ, ― ասաց Կետրինը։
 +
 +
― Ներեցեք, բայց բուլկի չունենք, պատերազմ է։
 +
 +
― Այդ դեպքում՝ հաց։
 +
 +
― Կարող եմ բոված հաց բերել։
 +
 +
― Բերեք։
 +
 +
― Մեկ էլ՝ ձվածեղ։
 +
 +
― Քանի՞ ձու կուզենար պարոնը։
 +
 +
― Երեք։
 +
 +
― Չորս հատ վերցրու, սիրելիս։
 +
 +
― Չորս ձու։
 +
 +
Կինը հեռացավ։ Ես համբուրեցի Կետրինին և շատ ամուր սեղմեցի նրա ձեռքը։ Մենք նայում էինք իրար և մեր շուրջը։
 +
 +
― Սիրելիս, սիրելիս, սքանչելի է, չէ՞։
 +
 +
― Հրաշալի է, ― ասացի ես։
 +
 +
― Ինչ անենք, որ բուլկի չկա, ― ասաց Կետրինը։ ― Ամբողջ գիշերը դրա մասին եմ մտածել։ Հետո ինչ, որ չկա։ Ի՞նչ անենք, որ չկա։
 +
 +
― Երևի շատ շուտով մեզ կձերբակալեն։
 +
 +
― Ոչինչ, սիրելիս։ Նախ պետք է նախաճաշել, իսկ նախաճաշելուց հետո ձերբակալվելը առանձնապես մի բան չի։ Եվ հետո ի՞նչ կարող են անել։ Մենք անգլիական և ամերիկյան հպատակներ ենք, և մեր փաստաթղթերը կարգին են։
 +
 +
― Դու անձնագիր ունես, չէ՞։
 +
 +
― Իհարկե։ Օ, եկ այդ մասին չխոսենք։ Երջանիկ լինենք։
 +
 +
― Ավելի երջանիկ հնարավոր չէ լինել, ― ասացի ես։
 +
 +
Մի գիրուկ, մոխրագույն կատու, պոչը փետրափնջի պես ցցած, մոտեցավ մեզ, փարվեց ոտքիս, սկսեց քսմսվել ու հաճույքից գռմռալ։ Կռացա ու շոյեցի նրան։ Կետրինը երջանիկ ժպտում էր ինձ։
 +
 +
Նախաճաշից հետո մեզ ձերբակալեցին։ Մենք մի քիչ զբոսնեցինք գյուղում, հետո իջանք քարափ, որպեսզի ճամպրուկները վերցնենք։ Նավակի մոտ մի զինվոր պահակ էր կանգնել։
 +
 +
― Ձե՞ր նավակն է։
 +
 +
― Այո։
 +
 +
― Որտեղի՞ց եք գալիս։
 +
 +
― Լճի մյուս կողմից։
 +
 +
― Այդ դեպքում, պիտի խնդրեի, որ հետևեք ինձ։
 +
 +
― Իսկ ճամպրուկնե՞րը։
 +
 +
― Կարող եք վերցնել։
 +
 +
Ես վերցրի ճամպրուկները, Կետրինը քայլում էր իմ կողքից, իսկ մեր ետևից գալիս էր զինվորը։ Մենք մոտեցանք մի շենքի, որտեղ մաքսատունն էր տեղավորված։ Մաքսատանը մեզ հարցաքննեց շատ նիհար և մարտական տրամադրված մի լեյտենանտ։
 +
 +
― Ազգությունը։
 +
 +
― Ամերիկացի և անգլուհի։
 +
 +
― Անձնագրերը տվեք։
 +
 +
Ես տվեցի իմը, Կետրինն էլ պայուսակից հանեց ու մեկնեց նրան։
 +
 +
Նա երկար զննեց դրանք։
 +
 +
― Ինչո՞ւ եք նավակով Շվեյցարիա եկել։
 +
 +
― Մարզիկ եմ, ― ասացի ես։ ― Թիավարությունը սպորտի իմ սիրած ձևն է։ Հնարավորության դեպքում ես միշտ թիավարում եմ։
 +
 +
― Ինչո՞ւ եք այստեղ եկել։
 +
 +
― Ձմեռային սպորտով զբաղվելու։ Մենք զբոսաշրջիկներ ենք և ուզում ենք ձմեռային սպորտով զբաղվել։
 +
 +
― Սա ձմեռային սպորտի տեղ չէ։
 +
 +
― Գիտենք։ Մենք ուզում ենք գնալ այնտեղ, որտեղ կարելի է ձմեռային սպորտով զբաղվել։
 +
 +
― Ի՞նչ էիք անում Իտալիայում։
 +
 +
― Ճարտարապետության դասեր էի առնում։ Իսկ իմ զարմուհին՝ արվեստի։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ եք Իտալիայից հեռացել։
 +
 +
― Ուզում ենք ձմեռային սպորտով զբաղվել։ Պատերազմի ժամանակ անհնար է ճարտարապետություն սովորել։
 +
 +
― Խնդրում եմ, նստեք և սպասեք, ― ասաց լեյնտենանտը։
 +
 +
Նա վերցրեց մեր անձնագրերն ու դուրս եկավ սենյակից։
 +
 +
― Սիրելիս, դու անզուգական էիր, ― ասաց Կետրինը։ ― Եվ հենց դա էլ պնդիր անընդհատ։ Դու ուզում ես ձմեռային սպորտով զբաղվել։
 +
 +
― Բան հասկանո՞ւմ ես արվեստից։
 +
 +
― Ռուբենս, ― ասաց Կետրինը։
 +
 +
― Խոշոր և մսոտ, ― ասացի ես։
 +
 +
― Տիցիան, ― ասաց Կետրինը։
 +
 +
― Տիցիանական մազեր, ― ասացի ես։ ― Իսկ Մանթենիա՞ն։
 +
 +
― Դժվար բաներ մի հարցրու, ― ասաց Կետրինը։ ― Չնայած նրան էլ մի քիչ գիտեմ, շատ սարսափելի է։
 +
 +
― Շատ սարսափելի է, ― ասացի ես։ ― Մեխից առաջացած ծակեր։
 +
 +
― Տեսնում ես ինչ հիանալի կին ես ունենալու, ― ասաց Կետրինը։ ― Ես կարողանալու եմ քո հաճախորդների հետ արվեստի մասին խոսել։
 +
 +
― Գալիս է, ― ասացի ես։
 +
 +
Նիհար լեյտենանտը, մեր անձնագրերը ձեռքին, գալիս էր մաքսատան խորքից։
 +
 +
― Ստիպված եմ ձեզ Լոկարնո ուղարկել, ― ասաց նա։ ― Կարող եք կառք վարձել, ձեզ հետ կնստի նաև մի զինվոր։
 +
 +
― Լավ, ― ասացի ես։ ― Իսկ նավա՞կը։
 +
 +
― Նավակը բռնագրվված է։ Ի՞նչ կա ձեր ճամպրուկներում։
 +
 +
Նա ստուգեց երկու ճամպրուկները և հանեց կոնյակի շիշը, որի միայն քառորդն էր մնացել։
 +
 +
― Չե՞ք ընկերանա, եթե մի քիչ խմեմ, ― հարցրի ես։
 +
 +
― Ոչ, շնորհակալություն։ ― Նա ձգվեց։ ― Ինչքա՞ն փող ունեք։
 +
 +
― Երկու ու կես հազար լիրա։
 +
 +
Այդ թիվը նպաստավոր տպավորություն թողեց նրա վրա։
 +
 +
― Իսկ ձեր զարմուհի՞ն։
 +
 +
Կետրինի մոտ հազար երկու հարյուր լիրա կար կամ մի քիչ ավելի։ Լեյտենանտը գոհ էր։ Նրա վերաբերմունքն արդեն պակաս ամբարտավան էր։
 +
 +
― Եթե ուզում եք ձմեռային սպորտով զբաղվել, ― ասաց նա, ― ապա պետք է Ուենգեն գնալ։ Իմ հայրը շատ լավ հյուրանոց ունի Ուենգենում։ Աշխատում է կլոր տարին։
 +
 +
― Շատ հաճելի է, ― ասացի ես։ ― Հասցեն չե՞ք տա։
 +
 +
― Այցետոմսի վրա կգրեմ։ ― Քաղաքավարությամբ մեկնեց այցետոմսը։ ― Զինվորը մինչև Լոկարնո կուղեկցի ձեզ։ Ձեր անձնագրերը նրա մոտ կլինեն։ Ցավում եմ, բայց դա անհրաժեշտ է։ Հուսով եմ, որ Լոկարնոյում վիզա կստանաք կամ ոստիկանության արտոնագիր։
 +
 +
Նա անձնագրերը մեկնեց զինվորին, ու մենք վերցրինք ճամպրուկները և ուղղվեցինք դեպի գյուղ, որպեսզի կառք վարձենք։
 +
 +
― Է՛յ, ― լեյտենանտը կանչեց զինվորին։ Գերմանական բարբառով ինչ֊որ բան ասաց նրան։ Զինվորը հրացանը գցեց ուսին և ճամպրուկները վերցրեց իմ ձեռքից։
 +
 +
― Հրաշալի երկիր է, ― ասացի Կետրինին։
 +
 +
― Եվ անչափ գործնական։
 +
 +
― Շատ շնորհակալ ենք, ― ասացի լեյտենանտին։
 +
 +
Նա ձեռքով արեց մեզ։
 +
 +
― Միշտ պատրաստ եմ ծառայելու, ― ասաց նա։
 +
 +
Մենք հետևեցինք մեր պահնորդին ու հասանք գյուղ։
 +
 +
Կառք վարձեցինք ու գնացինք Լոկարնո։ Զինվորը նստել էր առջևում՝ կառապանի կողքին։ Լոկարնոյում դժվարությունների չհանդիպեցինք։ Մեզ հարցաքննեցին, բայց և շատ քաղաքավարի էին վարվում, որովհետև մենք թե անձնագրեր ունեինք, թե դրամ։ Չեմ կարծում, որ հավատացին իմ խոսքերին, ու ես մտածում էի, թե որքան հիմար խաղ է դա և որքան նման էր դատարանի։ Ոչ մի բանական փաստարկ չէր պահանջվում, միայն՝ զուտ ձևական պատճառաբանություն, որից կարելի էր կպչել, առանց որևէ բացատրություն տալու։ Մենք անձնագիր ունեինք և ուզում էինք փող ծախսել։ Դրա համար էլ մեզ ժամանակավոր վիզաներ տվեցին։ Ցանկացած պահին կարող էին չեղյալ համարել այդ վիզաները։ Ուր էլ որ գնայինք, պարտավոր էինք ոստիկանատուն ներկայանալ։
 +
 +
Կարո՞ղ ենք մեր ուզած տեղը գնալ։ Այո։ Իսկ ո՞ւր էիք ուզում գնալ։
 +
 +
― Ո՞ւր ես ուզում գնալ, Կետ։
 +
 +
― Մոնտրե։
 +
 +
― Հրաշալի տեղ է, ― ասաց պաշտոնյան։ ― Կարծում եմ, որ կհավանեք։
 +
 +
― Լոկարնոն էլ հրաշալի քաղաք է, ― ասաց մյուս պաշտոնյան։ ― Վստահ եմ, որ շատ կհավանեք Լոկարնոն։ Լոկարնոն շատ գեղեցիկ քաղաք է։
 +
 +
― Մենք ամեն տեղ էլ կհավանենք, միայն թե հնարավոր լինի ձմեռային սպորտով զբաղվել։
 +
 +
― Մոնտրեում ձմեռային սպորտով չեն զբաղվում։
 +
 +
― Շատ կներեք, ― ասաց մյուս պաշտոնյան։ ― Ես ինքս մոնտրեցի եմ։ Կարող եմ հաստատ ասել, որ Մոնտրե֊Օբերլանդ֊Բեռն երկաթուղու ճանապարհին ձմեռային սպորտով զբաղվելու հիանալի տեղեր կան։ Եթե ուզում եք ժխտել, ապա շատ եք սխալվում։
 +
 +
― Ես չեմ ժխտում։ Միայն ասում եմ, որ Մոնտրեում ձմեռային սպորտով չեն զբաղվում։
 +
 +
― Ես առարկում եմ ձեր հայտարարությանը։ ― Ես ինքս եմ Մոնտրեի փողոցում luge-ով<ref>Շվեյցարական փոքր սահնակ (ֆր․)։</ref> ման եկել։ Եվ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ։ Հո չե՞ք կարող ասել, որ luge֊ը ձմեռային սպորտ չէ։
 +
 +
Մյուս պաշտոնյան շրջվեց իմ կողմը։
 +
 +
― Սըր, մի՞թե դուք luge֊ը նկատի ունեիք ձմեռային սպորտի մասին խոսելիս։ Հավատացնում եմ, որ Լոկարնոյում շատ գոհ կմնաք։ Կլիման այստեղ շատ առողջարար է, և քաղաքը սքանչելի շրջակայք ունի։
 +
 +
― Պարոնը ցանկություն հայտնեց Մոնտրե գնալու։
 +
 +
― Ինչ բան է luge֊ը, ― հարցրի ես։
 +
 +
― Տեսնում եք, նա նույնիսկ չգիտի, թե ինչ բան է luge֊ը։
 +
 +
Դա շատ դուր եկավ մյուս պաշտոնյային։ Նա մեծ գոհունակություն զգաց։
 +
 +
― Luge, ― ասաց առաջին պաշտոնյան, ― նշանակում է սահնակ։
 +
 +
― Ստիպված եմ առարկել, ― մյուս պաշտոնյան բացասաբար շարժեց գլուխը։ ― Ստիպված եմ նորից առարկել։ Luge֊ն ու սահնակն տարբեր բաներ են։ Սահնակը արտադրվում է Կանադայում, սարքում են շերտաձողիկներով։ Իսկ luge-ը կեռաձողիկներով սովորական սահնակ է։ Պետք է ճշգրիտ լինել։
 +
 +
― Իսկ մենք չե՞նք կարող կանադական սահնակ նստել, ― հարցրի ես։
 +
 +
― Իհարկե կարող եք, ― ասաց առաջին պաշտոնյան։ ― Շատ լավ էլ կարող եք։ Մոնտրեում հիանալի սահնակներ են վաճառում։ Օքս եղբայրների խանութում, նրանք արտահանում են իրենց սահնակները։
 +
 +
Երկրորդ պաշտոնյան շուռ եկավ։
 +
 +
― Կանադական սահնակի համար հատուկ piste<ref>Ճանապարհ (ֆր․)։</ref> է պետք։ Չեք կարող Մոնտրեի փողոցներում սահնակ քշել։ Ո՞ր հյուրանոցում եք ապրում։
 +
 +
― Դեռ չենք որոշել, ― ասացի ես։ ― Հենց նոր ենք եկել Բրիսագոյից։ Կառքը սպասում է դրսում։
 +
 +
― Չեք զղջա, եթե Մոնտրե գնաք, ― ասաց առաջին պաշտոնյան։ ― Շատ գեղեցիկ տեղ է և հիանալի կլիմա ունի։ Կարիք չի լինի հեռու գնալ, եթե ուզենաք ձմեռային սպորտով զբաղվել։
 +
 +
― Եթե իսկապես ուզում եք ձմեռային սպորտով զբաղվել, ― ասաց երկրորդ պաշտոնյան, ― գնացեք Էնզադին կամ Մյուրրեն։ Ես ստիպված եմ բողոքել, որ ձեզ խորհուրդ են տալիս Մոնտրե գնալ ձմեռային սպորտով զբաղվելու համար։
 +
 +
Մոնտրեի պաշտպանը նայեց իր պաշտոնակցին։
 +
 +
― Պարոնայք, ― ասացի ես։ ― Ցավում եմ, որ պետք է ճամփա ընկնենք։ Զարմուհիս շատ հոգնած է։ Ուզում ենք փորձի համար Մոնտրե գնալ։
 +
 +
― Ողջունում եմ ձեր որոշումը։ ― Առաջին պաշտոնյան սեղմեց ձեռքս։
 +
 +
― Վստահ եմ զղջալու եք, որ Լոկարնոյում չմնացիք, ― ասաց երկրորդ պաշտոնյան։
 +
 +
― Ոչ մի տհաճ պատմություն չի լինի ոստիկանության հետ, ― հավաստիացրեց ինձ առաջին պաշտոնյան։ ― Կտեսնեք, թե բնակիչներն ինչքան բարեկիրթ են ու մարդամոտ։
 +
 +
― Անչափ շնորհակալ ենք ձեր երկուսից էլ, ― ասացի ես։ ― Մեզ համար շատ թանկ են ձեր խորհուրդները։
 +
 +
― Ցտեսություն, ― ասաց Կետրինը։ ― Ձեր երկուսից էլ շնորհակալ ենք։
 +
 +
Դռան մոտ նրանք գլուխ տվեցին մեզ, Լոկարնոյի պաշտպանը հիմա մի փոքր սառն էր իրեն պահում։ Իջանք աստիճաններով ու կառք նստեցինք։
 +
 +
― Աստված իմ, սիրելիս, ― ասաց Կետրինը։ ― Չէինք կարո՞ղ ավելի շուտ դուրս գալ։
 +
 +
Կառապանին տվեցի պաշտոնյաներից մեկի հանձնարարած հյուրանոցի հասցեն։ Կառապանը բարձրացրեց սանձերը։
 +
 +
― Բանակը մոռացար, ― ասաց Կետրինը։
 +
 +
Զինվորը կանգնել էր կառքի մոտ։ Հինգ լիրա տվեցի նրան։
 +
 +
― Դեռ շվեյցարական փող չունեմ, ― ասացի ես։
 +
 +
Նա շնորհակալություն հայտնեց, պատիվ տվեց ու հեռացավ։ Կառքը ճամփա ընկավ դեպի հյուրանոց։
 +
 +
― Խելքիդ ի՞նչ փչեց, որ Մոնտրեի անունը մեջտեղ գցեցիր, ― հարցրի Կետրինին։ ― Իսկապե՞ս Մոնտրե ես ուզում գնալ։
 +
 +
― Առաջին անունն էր, որ միտքս ընկավ, ― ասաց նա։ ― Վատ տեղ չէ։ Կարող ենք լեռներում ապրել։
 +
 +
― Քունդ չի՞ տանում։
 +
 +
― Արդեն քնում եմ։
 +
 +
― Հիմա մի լավ կքնենք։ Խեղճ Կետ, այ թե վատ գիշեր անցկացրիր։
 +
 +
― Ընդհակառակը, ուրախ անցավ, ― ասաց Կետրինը։ ― Հատկապես երբ հովանոցի վրա էիր նստել։
 +
 +
― Դու հասկանո՞ւմ ես, որ Շվեյցարիայում ենք։
 +
 +
― Ոչ։ Վախենում եմ, որ արթնանամ, սուտ թվա այս ամենը։
 +
 +
― Ես էլ։
 +
 +
― Բայց սուտ չէ, չէ՞, սիրելիս։ Ես հիմա Միլանի stazione֊ն չեմ գնում քեզ ճանապարհ գցելու։
 +
 +
― Հուսով եմ, որ ոչ։
 +
 +
― Այդպես մի խոսիր։ Վախենում եմ։ Գուցե իրոք կայարան ենք գնում։
 +
 +
― Կարծես հարբած լինեմ, ոչինչ չեմ հասկանում, ― ասացի ես։
 +
 +
― Ձեռքդ տուր։
 +
 +
Մեկնեցի ձեռքս։ Երկուսն էլ սկրթված էին։
 +
 +
― Միայն կողիս վրա ծակ չկա։
 +
 +
― Մի անարգիր աստծուն։
 +
 +
Ես շատ հոգնած էի, և խելքս գլուխս չէր։ Խանդավառությունս կորավ։ Կառքը գնում էր փողոցով։
 +
 +
― Խեղճ ձեռքեր, ― ասաց Կետրինը։
 +
 +
― Չբռնես, ― ասացի ես։ ― Աստված վկա, չգիտեմ, թե որտեղ ենք։ Ո՞ւր ենք գնում, կառապան։
 +
 +
Կառապանը կանգնեցրեց ձին։
 +
 +
― Մետրոպոլ հյուրանոց։ Ինքներդ ասացիք։
 +
 +
― Այո, ― պատասխանեցի ես։ ― Ամեն ինչ կարգին է, Կետ։
 +
 +
― Կարգին է, սիրելիս, կարգին։ Մի հուզվիր։ Հիմա մենք մի լավ կքնենք և վաղն արդեն հարբածի նման չես լինի։
 +
 +
― Ես շատ եմ հարբած, ― ասացի։ ― Այս օրը օպերետի էր նման։ Գուցե սոված եմ։
 +
 +
― Հոգնած ես, սիրելիս։ Կանցնի ամեն ինչ։
 +
 +
Կառքը կանգ առավ հյուրանոցի առջև։ Մի տղա դուրս եկավ դռնից ու վերցրեց ճամպրուկները։
 +
 +
― Արդեն անցնում է, ― ասացի ես։
 +
 +
Մենք արդեն մայթ էինք իջել ու քայլում էինք դեպի հյուրանոց։
 +
 +
― Գիտեի, որ կանցնի։ Դու պարզապես հոգնել ես։ Պետք է երկար քնես։
 +
 +
― Բոլոր դեպքերում մենք այստեղ ենք։
 +
 +
― Այո, իսկապես այստեղ ենք։
 +
 +
Հետևեցինք ճամպրուկները տանող տղային ու մտանք հյուրանոց։
 +
 +
 +
=Գիրք հինգերորդ=
 +
 +
==Գլուխ 38==
 +
 +
Այդ աշնանը շատ ուշ ձյուն եկավ։ Մենք ապրում էինք լեռնալանջին, սոճիներով շրջապատված, մի փայլտաշեն տնակում, և գիշերները սառնամանիք էր լինում, այնպես որ խոհանոցի սեղանին դրված երկու սափորների ջուրն առավոտյան ծածկվում էր բարակ սառցաշերտով։ Միսսիս Գութթհինգհենը առավոտ կանուխ սենյակ էր մտնում, փակում պատուհանները և վառում հախճասալե բարձր վառարանը։ Սոճու փայտերը ճթճթում էին ու բոցավառվում, և կրակն սկսում էր ճարճատել, և միսսիս Գութթինգհենը երկրորդ անգամ սենյակ էր մտնում, բերելով խոշոր վառելափայտեր ու սափորով տաք ջուր։ Երբ սենյակն արդեն տաքացած էր լինում, նախաճաշ էր տալիս մեզ։ Նախաճաշում էինք անկողնում, որտեղից երևում էր լիճը և հանդիպակաց ֆրանսիական ափի լեռները։ Լեռնագագաթները ձյունով էին ծածկված, և լիճը մոխրագույն էր՝ պողպատի կապտերանգով։
 +
 +
Դրսում, հյուղակի առջևից մի ճանապարհ էր անցնում։ Անվահետքերն ու ակոսները քարացել էին սառնամանիքից, և ճանապարհը համառորեն մագլցում էր անտառի միջով, հետո պտտվում լեռան վրա և հասնում մինչև այնտեղ, որտեղ մարգագետիններ կային, իսկ անտառի եզրի մարգագետնում՝ դեպի հովիտ նայող մարագներ ու խրճիթներ։ Հովիտը խորն էր, և փոքրիկ մի գետակ էր հոսում ներքևում ու թափվում լիճը, իսկ երբ հովտից քամի էր փչում, լսվում էր քարերին զարնվող ջրերի աղմուկը։
 +
 +
Երբեմն մենք դուրս էինք գալիս ճանապարհից ու քայլում անտառի արահետով։ Անտառում հողը փափուկ էր, չէր պնդացել սառնամանիքից, ինչպես ճանապարհի վրա։ Բայց ճանապարհի պինդ հողը մեզ չէր խանգարում, որովհետև մեր ներբանների ու կրունկների տակ մեխեր կային, և մեխերը խրվում էին սառած հողի մեջ, և մեխված կոշիկներով հաճելի էր քայլել ճանապարհին, դա մի տեսակ կայտառացնում էր մեզ։ Բայց անտառում քայլելը ևս պակաս հաճելի չէր։
 +
 +
Մեր տան մոտից լեռնալանջը կտրուկ իջնում էր դեպի լճափի փոքրիկ հարթավայրը, և արևոտ օրերին մենք նստում էինք գավթում ու դիտում լեռնալանջին գալարվող ճանապարհը, դարավանդում տարածված խողողի այգիները, որոնք անշնչացել էին ձմռանը, և դաշտերը, որոնք կտրտված էին քարե ցանկապատներով, և խաղողի այգիներից ներքև, լճափնյա նեղ հարթավայրում գտնվող քաղաքի տները։ Լճում մի կղզյակ կար, իսկ կղզյակում՝ երկու ծառ, որոնք նման էին ձկնորսական նավակի կրկնակի առագաստների։ Հանդիպակաց ափի լեռները սրագագաթ էին ու զառիթափ, և լճի հարավում, երկու լեռնաշարքերի միջև ընկած էր Ռոնայի հովիտը, իսկ հեռվում, այնտեղ, ուր լեռները կտրում էին հովիտը, երևում էր Dent du Midi-ն։ Դա բարձր ու ձյունածածկ մի լեռ էր, որ իշխում էր հովտի վրա, բայց այնքան հեռու էր, որ ստվեր չէր գցում։
 +
 +
Արևոտ օրերին գավթում էինք նախաճաշում, իսկ մյուս օրերին ուտում էինք վերևում, տախտակե հարթ պատերով մեր փոքրիկ սենյակում, որի անկյունում մի մեծ վառարան կար։ Քաղաքից գրքեր ու ամսագրեր գնեցինք և սովորեցինք երկու հոգիանոց թղթախաղի բազմաթիվ տեսակներ։ Վառարանով փոքրիկ սենյակը մեր հյուրասենյակն էր։ Այնտեղ երկու հարմարավետ բազկաթոռ կար և ամսագրերի ու գրքերի սեղան, իսկ երբ ամանները հավաքում էին, ճաշասեղանի վրա թուղթ էինք խաղում։ Միստր և միսսիս Գութթինգհենները ներքևի հարկում էին ապրում, ու երեկոները երբեմն լսում էինք նրանց խոսակցության ձայները, ու նրանք ևս երկուսով շատ երջանիկ էին։ Ամուսինը եղել էր գլխավոր մատուցող, իսկ կինը՝ նույն հյուրանոցում՝ սպասուհի, և նրանք փող էին հավաքել ու գնել այս տունը։ Մի տղա ունեին, որը նույնպես գլխավոր մատուցող էր դառնալու։ Նա ծառայում էր Ցյուրիխի հյուրանոցներից մեկում։ Ներքևում հյուրասենյակ կար, որտեղ գինի և գարեջուր էին վաճառում, ու երեկոները երբեմն լսում էինք, թե ինչպես սայլերը կանգ էին առնում դռան առջև, և տղամարդիկ բարձրանում էին աստիճաններով ու հյուրասենյակ մտնում գինի խմելու։
 +
 +
Միջանցքում մեր սենյակի դիմաց, փայտերով լեցուն մի արկղ կար, ու ես այնտեղից վառելափայտ էի վերցնում և գցում վառարանի մեջ։ Բայց մենք երկար չէինք նստում։ Պառկում էինք մեր ընդարձակ և մութ ննջարանում, և հանվելուց հետո, ես բացում էի պատուհանը և նայում գիշերվա պաղ աստղերին, և պատուհանի տակ գտնվող սոճիներին և հետո հնարավորին չափ արագ անկողին մտնում։ Հաճելի է անկողնում պառկել, երբ օդն այդքան սառն է ու մաքուր, իսկ դրսում գիշեր է։ Մենք խորն էինք քնում, ու երբ գիշերը արթնանում էի, արդեն գիտեի պատճառը, դուրս էի գալիս վերմակի տակից և զգուշորեն շարժվում, որպեսզի չանհանգստացնեմ Կետրինին, իսկ հետո նորից քուն էի մտնում, մի տեսակ նոր թեթևություն զգալով բարակ ծածկոցի տակ։ Պատերազմը թվում էր շատ հեռու։ Բայց թերթերից գիտեի, որ լեռներում շարունակվում էր կռիվը, որովհետև դեռ ձյուն չէր գալիս։
 +
 +
Երբեմն իջնում էինք Մոնտրե։ Ներքև տանող մի արահետ կար, բայց այնքան թեք էր, որ մենք սովորաբար նախընտրում էինք ճանապարհով գնալ և քայլում էինք սառնամանիքից քարացած լայն ճամփով, որն անցնում էր դաշտերի միջով և ապա՝ խաղողի այգիների քարե ցանկապատների միջով, իսկ ավելի ներքևում՝ գյուղական տների արանքներով։ Երեք գյուղ էին՝ Շերնե, Ֆոնտանիվան, իսկ մյուսի անունը չեմ հիշում։ Շարունակում էինք քայլել այդ նույն ճանապարհով և անցնում լեռան ծայրին գտնվող քարե հսկա chateau-ի կողքով, որը շրջապատված էր խաղողի այգիներով։ Յուրաքանչյուր վազը կապված էր մի ձողի, և բոլոր վազերը չոր էին ու գորշ, և հողը ծարավ էր ձյան, և ներքևում լիճն էր, պողպատի նման հարթ ու մոխրագույն։ Chateau-ից հետո ճանապարհը կտրուկ իջնում էր ցած, ապա աջ դառնում, այնուհետև սալահատակված զառիթափով հասնում մինչև Մոնտրե։
 +
 +
Մոնտրեում ծանոթներ չունեինք։ Մենք քայլում էինք լճափով ու դիտում կարապներին, անթիվ ճայերին և մրրկահավերին, որոնք հենց որ մոտենայիր, թռչում էին ու, ներքև նայելով, ճվճվում։ Ափերից հեռու լողում էին փոքրիկ ու թխագույն սուզահավերի երամները ու հետքեր թողնում ջրի վրա։ Հետո զբոսնում էինք քաղաքի գլխավոր փողոցում և դիտում խանութների ցուցափեղկերը։ Բազմաթիվ հյուրանոցներ կային այնտեղ, որոնք փակ էին հիմա, բայց գրեթե բոլոր խանութները բաց էին, և ամենուրեք մեզ հետ շատ սիրալիր էին ընդունում։ Մի հիանալի վարսավիրանոց կար, որտեղ Կետրինը գնում էր մազերը հարդարելու։ Վարսավիրանոցի տիրուհին ուրախ֊զվարթ մի կին էր, Մոնտրեի մեր միակ ծանոթը։ Երբ Կետրինը վարսավիրանոցում էր լինում, ես նստում էի գարեջրատանը, մյունխենյան սև գարեջուր խմում ու թերթ կարդում։ Կարդում էի «Կորիերե դելլա Սերա» և Փարիզից եկած անգլիական ու ամերիկյան թերթեր։ Բոլոր հայտարարությունների վրա ներկ էր քսված, որպեսզի, ըստ երևույթին, անհնար լիներ դրանց միջոցով թշնամու հետ կապ պահպանել։ Անուրախ ընթերցանություն էր։ Ամեն տեղ վիճակն անուրախ էր։ Այս անգամ ևս, սև գարեջրի ծանր գավաթը ձեռքիս, նստել էի անկյունում, բաց արել pretzels-ի<ref>Խմորեղենի տեսակ (գերմ․)</ref> թղթե փաթեթը և pretzels էի ուտում, որի աղի համը շատ էր դուրս գալիս, մանավանդ որ դրանից հետո գարեջուրն էլ ավելի հաճելի էր դառնում, և կարդում էի ջախջախման մասին։ Կարծում էի, թե Կետրինը շուտով կգա, բայց չէր գալիս, ու ես թերթերը դրեցի սեղանին, վճարեցի գարեջրի փողը և փողոց դուրս ելա նրան փնտրելու։ Ձմեռային ցուրտ ու մռայլ օր էր, նույնիսկ պատերի քարերը ցուրտ էին թվում։ Կետրինը դեռ վարսավիրանոցում էր։ Տիրուհին գանգրացնում էր նրա մազերը։ Տաղավարում նստած դիտում էի նրան։ Դա ինձ հուզում էր, և Կետրինը ժպտում ու խոսում էր ինձ հետ, և իմ ձայնը մի փոքր խռպոտ էր հուզմունքից։ Հաճելի էր լսել ունելիների զնգզնգոցը, և ես Կետրինին տեսնում էի երեք տարբեր հայելիների մեջ, և տաղավարում տաք էր ու հաճելի։ Երբ տիրուհին վերջացրեց գործը, Կետրինը նայեց հայելուն և մի քիչ փոխեց սանրվածքը, հանելով ու դնելով հերակալները, հետո վեր կացավ։
 +
 +
― Ներիր, որ այսքան սպասցրի։
 +
 +
― Monsoeur֊ի համար շատ հետաքրքրական էր։ Այնպես չէ՞, monsieur, ― ժպտաց տիրուհին։
 +
 +
― Այո, ― ասացի ես։
 +
 +
Մենք դուրս եկանք և քայլեցինք փողոցով։ Ցուրտ էր, և քամի էր փչում։
 +
 +
― Ես քեզ շատ եմ սիրում, ― ասացի ես։
 +
 +
― Լավ ժամանակ ենք անցկացնում, չէ՞, ― ասաց Կետրինը։ ― Գիտե՞ս ինչ։ Արի մի տեղ մտնենք և թեյի փոխարեն գարեջուր խմենք։ Դա շատ օգտակար է փոքրիկ Կետրինի համար։ Չի թողնի, որ շատ աճի։
 +
 +
― Փոքրիկ Կետրին, ― ասացի ես։ ― Ծույլի մեկն է։
 +
 +
― Շատ խելոք է, ― ասաց Կետրինը։ ― Հազվադեպ է ինձ անհանգստացնում։ Բժիշկն ասում է, որ գարեջուրն օգտակար է և չի թողնի, որ փոքրիկը շատ աճի։
 +
 +
― Եթե շատ չաճի և տղա լինի, կարող է ժոկեյ դառնա։
 +
 +
― Ինձ թվում է, որ եթե երեխան ծնվի, մենք պետք է իսկապես ամուսնանանք, ― ասաց Կետրինը։
 +
 +
Մենք նստել էինք գարեջրատան անկյունում։ Արդեն մթնում էր։ Դեռ կանուխ էր, բայց մռայլ օր էր, ու շուտ մթնեց։
 +
 +
― Հենց հիմա էլ ամուսնանանք, ― ասացի ես։
 +
 +
― Ոչ, ― ասաց Կետրինը։ ― Հիմա անհարմար է։ Պարզ երևում է, որ հղի եմ։ Այս վիճակում ես ոչ ոքի չեմ ներկայանա ու չեմ ամուսնանա։
 +
 +
― Երանի առաջ ամուսնանայինք։
 +
 +
― Երևի ավելի լավ կլիներ։ Բայց ե՞րբ կարող էինք, սիրելիս։
 +
 +
― Չգիտեմ։
 +
 +
― Ես մի բան գիտեմ։ Հարգարժան տնտեսուհու տեսքով չեմ գնա ամուսնանալու։
 +
 +
― Դու ինչ տնտեսուհի ես։
 +
 +
― Ինչո՞ւ, իսկական տնտեսուհի եմ, սիրելիս։ Վարսավիրուհին հարցնում էր, թե սա մեր առաջի՞ն երեխան է։ Ես ստեցի և ասացի, ոչ, երկու տղա և երկու աղջիկ ունենք։
 +
 +
― Ե՞րբ ենք ամուսնանալու։
 +
 +
― Հենց որ նորից նիհարեմ։ Ուզում եմ, որ փառավոր հարսանիք անենք, որպեսզի բոլորն էլ մտածեն, թե այս ինչ գեղեցիկ զույգ է։
 +
 +
― Եվ դա քեզ չի՞ վշտացնում։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ վշտանամ սիրելիս։ Ես միայն մի անգամ վատ զգացի, հիշո՞ւմ ես, Միլանում, երբ ինձ թվաց, թե անառակ կին եմ, բայց դա ընդամենը յոթ րոպե տևեց, բացի այդ, սենյակի կահավորանքն էր վրաս ազդել։ Մի՞թե ես վատ կին եմ։
 +
 +
― Դու հրաշալի կին ես։
 +
 +
― Այդ դեպքում ձեռնարկությունների մասին մի մտածիր, սիրելիս։ Հենց որ նորից նիհարեմ, կամուսնանանք։
 +
 +
― Լավ։
 +
 +
― Ի՞նչ ես կարծում, էլի գարեջուր չխմեմ։ Բժիշկն ասաց, որ կոնքս բավական նեղ է և լավ կլինի չթողնել, որ փոքրիկ Կետրինը շատ աճի։
 +
 +
― Ուրիշ ի՞նչ ասաց, ― անհանգստացա ես։
 +
 +
― Ոչինչ։ Արյան ճնշումս սքանչելի է, սիրելիս։ Նա հիացել էր իմ արյան ճնշման վրա։
 +
 +
― Իսկ էլ ի՞նչ ասաց կոնքերիդ մասին։
 +
 +
― Ոչինչ։ Ոչ մի բան։ Ասաց, որ չի կարելի դահուկ քշել։
 +
 +
― Ճիշտ է։
 +
 +
― Ասաց, որ եթե քշել չգիտեմ, արդեն ուշ է սովորել։ Ասաց, որ կարելի է դահուկ քշել, միայն թե չընկնեմ։
 +
 +
― Կատակասեր բժիշկ է։
 +
 +
― Իսկապես լավ բժիշկ է։ Ծննդաբերության ժամանակ նրան կհրավիրենք։
 +
 +
― Չհարցրի՞ր, ամուսնանա՞նք, թե ոչ։
 +
 +
― Ոչ։ Ասացի, որ արդեն չորս տարի է, ինչ ամուսնացած ենք։ Գիտես, սիրելիս եթե քեզ հետ ամուսնանամ, ամերիկուհի եմ դառնալու, իսկ ամերիկյան օրենքների համաձայն, երբ էլ որ ամուսնանաս, երեխան օրինական է համարվում։
 +
 +
― Որտեղի՞ց իմացար։
 +
 +
― Նյու֊Յորքի «Ուորլդ ալմանախից»։ Գրադարանում կարդացի։
 +
 +
― Դու հրաշալի աղջիկ ես։
 +
 +
― Շատ ուրախ եմ, որ ամերիկուհի եմ դառնալու, և մենք Ամերիկա կգնանք, այնպես չէ՞, սիրելիս։ Ուզում եմ Նիագարայի ջրվեժը տեսնել։
 +
 +
― Դու հրաշալի աղջիկ ես։
 +
 +
― Էլի մի բան եմ ուզում տեսնել, բայց չեմ հիշում ինչ։
 +
 +
― Սպանդանո՞ցը։
 +
 +
― Ոչ։ Չեմ հիշում։
 +
 +
― Ուլվորթի շե՞նքը։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Մեծ Քանիո՞նը։
 +
 +
― Ոչ։ Բայց դա էլ կուզենայի։
 +
 +
― Դե, ասա, ի՞նչը։
 +
 +
― Ոսկե դարպասը։ Դա եմ ուզում տեսնել։ Որտե՞ղ է Ոսկե դարպասը։
 +
 +
― Սան֊Ֆրանցիսկոյում։
 +
 +
― Դե որ այդպես է, այնտեղ գնանք։ Եվ ընդհանրապես ուզում եմ նաև Սան֊Ֆրանցիսկոն տեսնել։
 +
 +
― Շատ լավ։ Կգնանք։
 +
 +
― Իսկ հիմա բարձրանանք լեռը։ Չէ՞։ Կհասնե՞նք գնացքին։
 +
 +
― Հինգից մի քանի րոպե անց գնացք է գնում։
 +
 +
― Հենց դա էլ կնստենք։
 +
 +
― Լավ։ Մի քիչ գարեջուր խմեմ, հետո։
 +
 +
Մենք դուրս եկանք, քայլեցինք փողոցով, ապա բարձրացանք կայարանի աստիճաններով ու զգացինք, որ շատ ցուրտ է։ Ռոնի հովտից սառը քամի էր փչում։ Խանութների ցուցափեղկերում լույսեր էին վառվում, և մենք քարե ոլորուն աստիճաններով բարձրացանք վերևի փողոցը, հետո՝ էլի աստիճաններ, որոնք տանում էին կայարան։ Լուսավորված էլեկտրագնացքն արդեն կառամատույցում էր։ Չվացուցակի վրա նշված էր մեկնման ժամը։ Ժամացույցի սլաքները կանգնել էին հինգն անց տասի վրա։ Նայեցի կայարանի ժամացույցին։ Հինգն անց հինգ էր։ Երբ վագոն մտանք, տեսա, թե ինչպես մեքենավարն ու ուղեկցորդը դուրս եկան կայարանի գինետնից։ Մենք նստեցինք ու բաց արինք պատուհանը։ Վագոնը տաքացվում էր էլեկտրականությամբ, և տոթ էր, բայց պատուհանից թարմ և ցուրտ օդ էր գալիս։
 +
 +
― Հոգնա՞ծ ես, Կետ, ― հարցրի ես։
 +
 +
― Ոչ։ Շատ լավ եմ զգում։
 +
 +
― Երկար չի տևի։
 +
 +
― Ես սիրում եմ գնացքով ճամփորդել, ― ասաց նա։ ― Մի անհանգստանա, սիրելիս։ Լավ եմ զգում։
 +
 +
 +
Ծննդյան տոներից երեք օր առաջ ձյուն եկավ։ Մի առավոտ զարթնեցինք ու տեսանք, որ ձյուն է գալիս։ Վառարանում ճթճում էր կրակը, ու մենք, անկողնում պառկած, նայում էինք, թե ինչպես է ձյունն իջնում։ Նախաճաշից հետո միսսիս Գութթինգհենը հավաքեց սեղանը և փայտ գցեց վառարանի մեջ։ Ուժեղ ձնեբուք էր։ Միսսիս Գութթինգհենն ասաց, որ ձյունն սկսվեց տեղալ մոտավորապես կեսգիշերին։ Մոտեցա պատուհանին ու դուրս նայեցի, բայց ճանապարհից այն կողմ ոչինչ չէր երևում։
 +
 +
Կատաղի ձյուն էր ու քամի։ Ես նորից անկողին մտա, ու մենք պառկած զրուցում էինք։
 +
 +
― Շատ կուզենայի դահուկ քշել, ― ասաց Կետրինը։ ― Ինչ զզվելի է, որ չեմ կարող։
 +
 +
― Սահնակ կճարենք, կիջնենք։ Դա ավտոմեքենայից ավելի վտանգավոր չէ։
 +
 +
― Իսկ չի՞ ցնցի։
 +
 +
― Տեսնենք։
 +
 +
― Երանի շատ չցնցեր։
 +
 +
― Քիչ հետո կարող ենք ման գալ ձյան վրա։
 +
 +
― Ճաշից առաջ, ― ասաց Կետրինը, ― որպեսզի ախորժակներս բացվի։
 +
 +
― Ես միշտ էլ սոված եմ։
 +
 +
― Ես էլ։
 +
 +
Մենք դուրս եկանք, բայց չորս կողմը ձնաթմբեր էին գոյացել, և հնարավոր չէր հեռու գնալ։ Ես առաջ անցա և իմ ոտնահետքերով ճանապարհ բացեցի, բայց մինչև կայարան հասնելը ստիպված եղանք ահագին ճամփա կտրել։ Քամին այնպես էր փչում, որ հազիվ էինք կարողանում որևէ բան տեսնել, և մենք մտանք կայարանի կողքի գինետունը, և ավելով ծանր ձյունը թափ տվինք մեկս մյուսի վրայից, և նստեցինք նստարանին, և վերմուտ խնդրեցինք։
 +
 +
― Ուժեղ փոթորիկ է, ― ասաց մատուցողուհին։
 +
 +
― Այո։
 +
 +
― Այս տարի ուշ ձյուն եկավ։
 +
 +
― Այո։
 +
 +
― Ինչ կլինի, որ մի քիչ շոկոլադ ուտեմ, ― հարցրեց Կետրինը։ ― Թ՞ե շուտով նախաճաշի ժամն է։ Միշտ սոված եմ։
 +
 +
― Մի քիչ կեր, ― ասացի ես։
 +
 +
― Ընկույզով շոկոլադ կվերցնեմ, ― ասաց Կետրինը։
 +
 +
― Ընկույզով շատ համեղ է, ― ասաց աղջիկը։ ― Ես ամենից շատ ընկույզով եմ սիրում։
 +
 +
― Մի հատ էլ վերմուտ կխմեմ, ― ասացի ես։
 +
 +
Վերադարձին ձյունն արդեն ծածկել էր ճանապարհը։ Հիմա մեր նախկին հետքերի տեղ հազիվ նկատելի փոսեր էին մնացել։ Քամին փչում էր ուղիղ մեր երեսներին, ու մենք գրեթե ոչինչ չէինք տեսում։ Ձյունը թափ տվինք մեր վրայից ու մտանք նախաճաշելու։ Միստր Գոթթինգհենն էր սպասարկում։
 +
 +
― Վաղը կարելի է դահուկ քշել, ― ասաց նա։ ― Դահուկ քշո՞ւմ եք, միստ Հենրի։
 +
 +
― Ոչ։ Բայց ուզում եմ սովորել։
 +
 +
― Հեշտ կսովորեք։ Ծննդյան տոներին տղաս գալու է, նա կսովորեցնի ձեզ։
 +
 +
― Դե լավ է։ Ե՞րբ է գալու։
 +
 +
― Վաղը գիշեր։
 +
 +
Երբ նախաճաշից հետո, մեր փոքրիկ սենյակի վառարանի մոտ նստած, նայում էինք պատուհանից ու տեսնում, թե ինչպես էր ձյունը գալիս, Կետրինն ասաց․
 +
 +
― Չե՞ս ուզում մենակ տեղ գնալ, սիրելիս, տղամարդկանց շրջապատում լինել, դահուկ քշել։
 +
 +
― Ոչ։ Ինչո՞ւ պիտի ուզենամ։
 +
 +
― Երբեմն ինձ թվում է, թե կուզենայիր նաև ուրիշ մարդկանց տեսնել։
 +
 +
― Իսկ դու ուզո՞ւմ ես ուրիշ մարդկանց տեսնել։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Ես էլ չեմ ուզում։
 +
 +
― Գիտեմ։ Բայց դու տարբեր ես։ Ես երեխա եմ սպասում և ինձ համար հաճելի է ոչինչ չանելը։ Գիտեմ, որ սարսափելի բթացել եմ ու շատ եմ խոսում և ինձ թվում է, որ ավելի լավ կլիներ, եթե գնայիր, վախենում եմ ձանձրանաս ինձնից։
 +
 +
― Իսկ դու ուզո՞ւմ ես, որ գնամ։
 +
 +
― Ոչ։ Ուզում եմ, որ մնաս։
 +
 +
― Դե ես էլ ոչ մի տեղ չեմ գնա։
 +
 +
― Մոտ արի, ― ասաց նա։ ― Ուզում եմ ձեռք տալ գլխիդ ուռուցքին։ Ինչ մեծ ուռուցք է։ ― Նա մատներով շոշափեց գլուխս։ ― Սիրելիս, ինչո՞ւ մորուք չես թողնում։
 +
 +
― Ուզո՞ւմ ես թողնեմ;
 +
 +
― Զվարճալի կլինի։ Ուզում եմ քեզ մորուքով տեսնել։
 +
 +
― Լավ։ Կթողնեմ։ Հենց հիմա, հենց մեկ վայրկյանից։ Դա լավ միտք է։ Գոնե զբաղմունք կունենամ։
 +
 +
― Իսկ դու վշտանո՞ւմ ես, որ անելիք չունես։
 +
 +
― Ոչ։ Ես շատ գոհ եմ։ Ինձ դուր է գալիս մեր կյանքը։ Իսկ քե՞զ։
 +
 +
― Ինձ էլ։ Բայց վախենում եմ, որ այս վիճակում ձանձրալի լինեմ քեզ համար։
 +
 +
― Օ, Կետ։ Չես պատկերացնում, թե ինչքան եմ քեզ սիրում։
 +
 +
― Նույնիսկ այս վիճակո՞ւմ։
 +
 +
― Ինչ վիճակում էլ լինես։ Ես շատ երջանիկ եմ։ Մի՞թե հաճելի չէ մեր կյանքը։
 +
 +
― Այո, բայց ինձ թվում է, որ դու մի տեսակ անհանգիստ ես։
 +
 +
― Ոչ։ Երբեմն հիշում եմ ռազմաճակատն ու իմ ծանոթներին, բայց դա ինձ չի մտահոգում։ Ես ոչ մի բանի մասին երկար չեմ մտածում։
 +
 +
― Ո՞ւմ ես հիշում։
 +
 +
― Ռինալդիին, և քահանային, և ուրիշ շատերի։ Բայց երկար չեմ մտածում։ Չեմ ուզում պատերազմի մասին մտածել։ Պատերազմն ինձ համար այլևս գոյություն չունի։
 +
 +
― Իսկ հիմա՞ ինչ ես մտածում։
 +
 +
― Ոչինչ։
 +
 +
― Ոչ, մտածում ես։ Ասա։
 +
 +
― Մտածում էի, թե Ռինալդին իսկապե՞ս սիֆիլիս ուներ։
 +
 +
― Միայն դա՞։
 +
 +
― Այո։
 +
 +
― Իսկ ունե՞ր։
 +
 +
― Չգիտեմ։
 +
 +
― Ուրախ եմ, որ դու չունես։ Իսկ նման բաներով չե՞ս հիվանդացել։
 +
 +
― Սուսանակով։
 +
 +
― Լսել անգամ չեմ ուզում։ Ցավո՞տ էր սիրելիս։
 +
 +
― Շատ։
 +
 +
― Կուզենայի ես էլ ունենալ։
 +
 +
― Ինչ մի ունենալու բան է։
 +
 +
― Չէ, ճիշտ եմ ասում։ Ուզում եմ ամեն ինչով քեզ նման լինել։ Կուզենայի ճանաչել այն բոլոր կանանց, որոնց դու ես ճանաչել, որպեսզի հետո քեզ մոտ ձեռք առնեի նրանց։
 +
 +
― Այ, դա գեղեցիկ պատկեր կլիներ։
 +
 +
― Իսկ սուսանակով հիվանդանալը բնավ էլ գեղեցիկ պատկեր չէ։
 +
 +
― Գիտեմ։ Տես ինչ ձյուն է գալիս։
 +
 +
― Իսկ ես ուզում եմ միայն քեզ տեսնել։ Սիրելիս, ինչո՞ւ երկար մազեր չես թողնում։
 +
 +
― Ի՞նչ երկար մազ։
 +
 +
― Թող մի քիչ երկարեն։
 +
 +
― Առանց այդ էլ երկար են։
 +
 +
― Ոչ, մի քիչ էլ թող, իսկ ես իմը կկտրեմ, և մենք իրար նման կլինենք, միայն թե մեկս շիկահեր, իսկ մյուսս՝ սևահեր։
 +
 +
― Չեմ ուզում, որ մազերդ կտրես։
 +
 +
― Ինչո՞ւ, զվարճալի կլինի։ Հոգնել եմ երկար մազերից։ Գիշերները ինձ խանգարում են անկողնում։
 +
 +
― Ես հավանում եմ քո մազերը։
 +
 +
― Իսկ եթե կարճ լինեն, չե՞ս հավանի։
 +
 +
― Գուցե։ Բայց հիմա ինձ այսպես է դուր գալիս։
 +
 +
― Գուցե կարճ ավելի դուր գա։ Մենք կնմանվենք իրար։ Սիրելիս, ես քեզ այնքան եմ ուզում, որ ուզում եմ քո մեջ լինել։
 +
 +
― Դու իմ մեջ ես։ Ես ու դու նույնն ենք։
 +
 +
― Գիտեմ։ Գիշերները։
 +
 +
― Գիշերներն ամեն ինչ հրաշալի է։
 +
 +
― Ուզում եմ, որ մենք խառնված լինենք, չջոկվենք իրարից։ Չեմ ուզում, որ գնաս։ Ես դիտմամբ ասացի։ Եթե ուզում ես, գնա։ Բայց շուտ վերադարձիր։ Սիրելիս, ես ընդհանրապես դադարում եմ ապրել, երբ դու իմ կողքին չես։
 +
 +
― Երբեք չեմ հեռանա քեզնից, ― ասացի ես։ ― Ես ոչ մի բանի պետք չեմ, երբ դու իմ կողքին չես։ Ոչ մի կյանք չունեմ։
 +
 +
― Իսկ ես ուզում եմ, որ ունենաս։ Ուզում եմ, որ շատ լավ ապրես։ Բայց մենք միասին ենք ապրելու, չէ՞։
 +
 +
― Հիմա ի՞նչ ես ասում, մորուք թողնեմ, թե՞ ոչ։
 +
 +
― Թող։ Հետաքրքիր կլինի։ Գուցե մինչև նոր տարին աճի։
 +
 +
― Ուզո՞ւմ ես շախմատ խաղալ։
 +
 +
― Կուզենայի քեզ հետ խաղալ։
 +
 +
― Ոչ։ Շախմատ խաղանք։
 +
 +
― Իսկ հետո կխաղա՞նք իրար հետ։
 +
 +
― Այո։
 +
 +
― Դե լավ։
 +
 +
Վերցրի շախմատը ու դասավորեցի խաղաքարերը։ Դրսում դեռ ուժեղ ձյուն էր գալիս։
 +
 +
 +
Մի անգամ գիշերը զարթնեցի ու զգացի, որ Կետրինն էլ է արթուն։ Դրսում պարզ լուսին էր, ու պատուհանի ստվերն ընկել էր մահճակալի վրա։
 +
 +
― Արթո՞ւն ես, սիրելիս։
 +
 +
― Այո։ Չե՞ս կարողանում քնել։
 +
 +
― Քիչ առաջ զարթնել, մտածում էի, թե ինչքան խենթ էի, երբ քեզ նոր հանդիպեցի։ Հիշո՞ւմ ես։
 +
 +
― Այո, մի քիչ խենթ էիր։
 +
 +
― Իսկ հիմա ոչ։ Հիմա ամեն ինչ հրաշալի է։ Դու այնքան քաղցր ես արտասանում այդ բառը։ Ասա «հրաշալի»։
 +
 +
― Հրաշալի։
 +
 +
― Օ, ինչ քաղցր ես։ Ես հիմա արդեն խենթ չեմ։ Հիմա ես շատ, շատ, շատ երջանիկ եմ։
 +
 +
― Քնիր, ― ասացի ես։
 +
 +
― Լավ։ Արի երկուսս էլ ճիշտ նույն պահին քնենք։
 +
 +
― Լավ։
 +
 +
Բայց չկարողացանք նույն պահին քնել։ Ես դեռ բավական արթուն մնացի։ Մտածում էի տարբեր բաների մասին ու նայում քնած Կետրինին։ Լուսնի լույսն ընկել էր երեսին։ Հետո ես էլ քնեցի։
 +
 +
 +
==Գլուխ 39==
 +
 +
Հունվարի կեսերին ես արդեն մորուք ունեի, և ցերեկները ցուրտ էին ու պայծառ, և գիշերները՝ ցուրտ ու դաժան։ Նորից կարելի էր զբոսնել ճանապարհին։ Ձյունն ամուր էր ու հարթ, որովհետև անընդհատ սահնակներ էին անցնում լեռներից խոտ ու գերան տեղափոխում։ Ամենուրեք, գրեթե մինչև Մոնտրե, ձյուն էր նստած։ Հանդիպակաց ափի լեռները սպիտակել էին, և Ռոնիի հովիտը կորել էր ձյան տակ։ Մենք երկար զբոսնում էինք սարից այն կողմ ու հասնում մինչև Բեն դել Ալյեզ։ Կետրինը հագնում էր մեխված ներբաններով կոշիկներ, թիկնոց և վերցնում մետաղե սրածայր վերջավորությամբ մի գավազան։ Թիկնոցի տակ խոշոր չէր թվում մարմինը, և մենք արագ չէինք քայլում, ու երբ նա հոգնում էր, նստում էինք ճամփեզրի գերանների վրա։
 +
 +
Բեն Դել Այլեզում մի գինետուն կար ծառերի տակ, սովորաբար այնտեղ փայտահատներ էին գալիս խմելու, և մենք նստում էինք վառարանի մոտ և խմում լիմոնով ու այլ համեմունքներով խառնված տաք կարմիր գինի։ Կոչվում էր gluhwein, դա հիանալի գինի է, եթե ուզում ես տաքանալ կամ որևէ տոն նշել։ Գինետունը մութ էր ու ծխոտ և, շունչ քաշելիս, անզգայանում էր քթիդ ծայրը։ Մենք նայում էինք գինետանը, որի բոլոր պատուհաններում լույս էր վառվում, և մուտքի մոտ փայտահատների ձիերը շարժում էին գլուխները և սմբակները գետին խփում, որպեսզի տաքանան։ Նրանց դնչերի մազիկներին եղյամ էր պատել, և նրանց արտաշնչած գոլորշին սառչում էր օդում։ Վերադարձի ճանապարհը հարթ էր ու սահուն, և սառույցը ձիերի մեզից նարնջագույն էր դարձել։ Մենք քայլում էինք մինչև շրջադարձը, և արահետը, որով գերաններ էին տանում, թեքվում հեռանում էր մեզնից։ Պինդ ձյունով ծածկված ճանապարհն անցնում էր անտառի միջով, ու երեկոները տուն վերադառնալիս, երկու անգամ աղվես տեսանք։ Հրաշալի վայրեր էին դրանք, ու երբ զբոսանքի էինք դուրս գալիս, ուրախ էր անցնում ժամանակը։
 +
 +
― Հիանալի մորուք ունես, ― ասաց Կետրինը։ ― Փայտահատի ես նման։ Տեսա՞ր ոսկե ականջօղերով մարդուն։
 +
 +
― Քարայծ է որսում, ― ասացի ես։ ― Նրանք ականջօղ են դնում, որովհետև դրանք իբր թե սրում են լսողությունը։
 +
 +
― Իսկապե՞ս։ Չեմ հավատում։ Ինձ թվում է, դիտմամբ են օղ դնում, ուզում են ցույց տալ, որ քարայծի որս են անում։ Իսկ այս կողմերում քարայծ կա՞։
 +
 +
― Այո, Դա դը Ժամանի մոտակայքում։
 +
 +
― Իսկ զվարճալի էր, չէ՞, որ աղվես տեսանք։
 +
 +
― Աղվեսը քնելիս պաչը փաթաթում է մարմնին, որպեսզի տաքանա։
 +
 +
― Երևի ինչքան հաճելի է։
 +
 +
― Ես միշտ էլ ցանկացել եմ այդպիսի պոչ ունենալ։ Զվարճալի կլիներ, չէ՞, եթե բոլորս էլ աղվեսի նման պոչ ունենայինք։
 +
 +
― Իսկ ինչպե՞ս պիտի հագնվեինք։
 +
 +
― Հատուկ զգեստներ կպատվիրեինք, կամ էլ այնպիսի երկրում կապրեինք, որտեղ զգեստը ոչ մի նշանակություն չունի։ Մի՞թե հրաշալի չէ, որ մենք այստեղ ոչ ոքի չենք տեսնում։ Դու ոչ մեկի էլ չես ուզում տեսնել, այնպես չէ՞, սիրելիս։
 +
 +
― Այո։
 +
 +
― Մի քիչ նստենք։ Հոգնեցի։
 +
 +
Իրար կիպ կպած, նստեցինք գերանի վրա։ Ճանապարհը տանում էր դեպի անտառ։
 +
 +
― Ի՞նչ ես կարծում, փոքրիկը խանգարելո՞ւ է մեզ։
 +
 +
― Ոչ։ Թույլ չենք տա։
 +
 +
― Իսկ մենք փող ունե՞նք։
 +
 +
― Շատ։ Վերջին չեկն արդեն վճարեցին։
 +
 +
― Իսկ ձերոնք հիմա քեզ չե՞ն փնտրի, չէ՞ որ գիտեն, որ Շվեյցարիայում ես։
 +
 +
― Հավանաբար։ Մի օր նամակ կգրեմ։
 +
 +
― Դեռ չե՞ս գրել։
 +
 +
― Ոչ։ Միայն չեկն եմ ուղարկել, որ ստորագրեն
 +
 +
― Փառք աստծո, որ ես քո ազգականը չեմ։
 +
 +
― Հեռագիր կտամ։
 +
 +
― Իսկ դու նրանց չե՞ս սիրում, ինչ է։
 +
 +
― Սիրում էի, բայց այնքան ենք վիճել, որ էլ սեր չմնաց։
 +
 +
― Ինձ թվում է, որ ես կհավանեի նրանց։ Երևի շատ կհավանեի։
 +
 +
― Եկ իմ ազգականների մասին չխոսենք, թե ոչ կսկսեմ մտահոգվել, ― քիչ անց ասացի ես։ ― Գնանք, եթե հոգնած չես։
 +
 +
― Չէ, արդեն հանգստացա։
 +
 +
Շարունակեցինք քայլել։ Մութ էր, և ձյունը ճռճռում էր մեր ոտքերի տակ։ Չոր, ցուրտ և պարզ գիշեր էր։
 +
 +
― Մորուքդ ինձ դուր է գալիս, ― ասաց Կետրինը։ ― Քեզ շատ է սազում։ Թվում է կոշտ ու ծակող, բայց իրականում շատ փափուկ է ու հաճելի։
 +
 +
― Մորուքով ավելի՞ ես հավանում ինձ։
 +
 +
― Երևի, այո։ Գիտես ինչ, սիրելիս, մինչև փոքրիկ Կետրինի ծնվելը մազերս չեմ կտրի։ Հիմա ես շատ խոշոր եմ և տնտեսուհու եմ նման։ Բայց երբ նա ծնվի, ու ես նորից նիհարեմ, անպայման կկտրեմ, և այն ժամանակ քո աղջիկը կփոխվի, ու դու նրան չես ճանաչի։ Մենք երկուսով կգնանք ու կտրել կտանք մազերս, կամ էլ ես մենակ կգնամ, և դա քեզ համար անակնկալ կլինի։
 +
 +
Ես լուռ էի։
 +
 +
― Չես արգելի, չէ՞։
 +
 +
― Ոչ։ Ինձ թվում է, նույնիսկ կհավանեմ։
 +
 +
― Օ, ինչ լավն ես։ Գուցե ես շատ գեղեցիկ լինեմ, նիհարեմ ու ցանկալի դառնամ, և դու նորից սիրահարվես ինձ։
 +
 +
― Գրողը տանի, ― ասացի, ― ես հիմա էլ եմ քեզ սիրում։ Էլ ի՞նչ ես ուզում։ Խե՞լքս կորցնեմ։
 +
 +
― Այո, ուզում եմ, որ խելքդ էլ կորցնես։
 +
 +
― Դե լավ, ― ասացի ես, ― իմ ուզածն էլ հենց այդ է։
 +
 +
 +
==Գլուխ 40==
 +
 +
Մենք հրաշալի օրեր անցկացրինք։ Հունվարին ու փետրվարին լեռնալանջին ապրեցինք, հրաշալի ձմեռ էր, և մենք շատ երջանիկ էինք։ Երբ տաք քամի էր փչում, կարճատև ձնհալ էր սկսվում, ձյունը փափկում էր, և գարնան հոտ էր գալիս, բայց ամեն անգամ երկինքը պարզվում էր, ցրտում, և նորից վերադառնում էր ձմեռը։ Մարտին ձմեռը նահանջեց։ Գիշերներն սկսեց անձրև տեղալ։ Անձրև էր տեղում նաև ամբողջ առավոտը, և ձյունը վերածվում էր ցեխի, և լեռան լանջը տխուր ու մռայլ տեսք էր ստանում։ Ամպերը ծածկեցին լիճն ու հովիտը։ Լեռների բարձրունքներում անձրև էր գալիս։ Կետրինը կրկնակոշիկ էր հագնում, իսկ ես միստր Գութթինգհենի ռետինե երկարաճիտ կոշիկները, ու մենք, նախաճաշից առաջ, հովանոց բռնած, քայլում էինք ցեխաջրերի միջով, որոնք սրբում տանում էին ճանապարհի սառույցները։ Գնում էինք կայարանի մոտակա գինետունը, վերմուտ խմելու։ Դրսից անձրևի ձայն էր գալիս։
 +
 +
― Ի՞նչ ես կարծում, քաղաք չտեղափոխվե՞նք։
 +
 +
― Իսկ քո՞ կարծիքն ինչ է, ― հարցրեց Կետրինը։
 +
 +
― Եթե ձմեռն անցավ, ու անձրևներ են գալու, տխուր կլինի այստեղ։ Ինչքա՞ն մնաց, որ փոքրիկ Կետրինը ծնվի։
 +
 +
― Մոտ մի ամիս։ Գուցե մի քիչ ավելի։
 +
 +
― Կարող ենք իջնել և Մոնտրեում ապրել։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ ոչ Լոզանում։ Հիվանդանոցն այնտեղ է։
 +
 +
― Դե լավ։ Ես պարզապես մտածում էի, որ դա շատ մեծ քաղաք է։
 +
 +
― Մեծ քաղաքում էլ կարող ենք մենակ լինել, իսկ Լոզանը երևի շատ գեղեցիկ է։
 +
 +
― Ե՞րբ գնանք։
 +
 +
― Ինձ համար միևնույն է։ Երբ որ ուզես, սիրելիս։ Կարող ենք նաև չգնալ, եթե չես ուզում։
 +
 +
― Տեսնենք, ինչպես կլինի եղանակը։
 +
 +
Երեք օր անձրև եկավ։ Կայարանից ցած գտնվող լեռան լանջին ձյուն չմնաց։ Ճանապարհը ծածկվել էր ցեխաջրով։ Այնքան խոնավ էր ու ցեխոտ, որ անհնար էր տնից դուրս գալ։ Անձրևի երրորդ օրը որոշեցինք քաղաք տեղափոխվել։
 +
 +
― Մի մտահոգվեք, միստր Հենրի, ― ասաց Գութթինգհենը։ ― Ոչ մի նախազգուշացում էլ պետք չէ։ Ես չէի էլ կարծում, որ եղանակը վատանալուց հետո կմնաք։
 +
 +
― Մենք պետք է Madame֊ի պատճառով հիվանդանոցին մոտ լինենք, ― ասացի ես։
 +
 +
― Հասկանում եմ, ― ասաց նա։ ― Գուցե էլի գաք ձեր փոքրիկի հետ։
 +
 +
― Ինչո՞ւ չէ, եթե ազատ սենյակ ունենաք։
 +
 +
― Գարնանն այստեղ հիանալի է, կարող եք գալ, մեծ հաճույք կստանաք։ Փոքրիկին ու դայակին կտեղավորենք մեծ սենյակում, որը հիմա փակ է, իսկ դուք և Madame֊ը կապրեք նույն սենյակում, լճի դիմաց։
 +
 +
― Նախօրորք կգրեմ ձեզ, ― ասացի ես։
 +
 +
Մենք հավաքեցինք մեր իրերը և, ճաշից հետո, առաջին գնացքով մեկնեցինք։ Միստր ու միսսիս Գութթինգհենները մեզ կայարան ուղեկցեցին, և ամուսինը մեր ճամպրուկները դրեց սահնակի վրա ու քշեց ցեխերի միջով։ Անձրևի տակ կանգնել էին կառամատույցում ու ձեռքով հրաժեշտ էին տալիս մեզ։
 +
 +
― Ինչ լավ մարդիկ էին, ― ասաց Կետրինը։
 +
 +
― Շատ ազնիվ էին մեր նկատմամբ։
 +
 +
Մոնտրեում նստեցինք Լոզան տանող գնացքը։ Ամպերը ծածկել էին այն լեռը, որի լանջին ապրել էինք մենք, ու վագոնի պատուհանից ոչինչ չէր երևում։ Գնացքը կանգ առավ Վեվեում, հետո շարունակեց ընթացքը։ Ճանապարհի մի կողմում լիճն էր, իսկ մյուս կողմում՝ թաց, գորշ դաշտեր, մերկ անտառներ ու թաց տնակներ։ Մենք Լոզան հասանք և տեղավորվեցինք փոքրիկ մի հյուրանոցում։ Դեռ անձրև էր գալիս, երբ մեր կառքն անցնում էր փողոցներով և գնում դեպի հյուրանոց։ Զգեստի ծալից շղթայակապ պղնձե բանալիներ կախած դռնապանը, վերելակը, հատակի գորգերը, փայլփլող սպասենրով լվացարանները, մետաղե մահճակալը և մեծ ու հարմարավետ ննջարանը, այս ամենը շատ շքեղ էին թվում Գութթինգհենների տնից հետո։ Սենյակի պատուհանները նայում էին դեպի թաց պարտեզը, որ շրջապատված էր պարիսպներով, պարիսպների վրա երկաթե վանդակներ էին ամրացված։ Զառիթափ ճանապարհի մյուս կողմում հենց այդպիսի պարիսպներով մի ուրիշ հյուրանոց կար։ Նայում էի, թե ինչպես էին անձրևի կաթիլները թափվում պարտեզի ավազանի մեջ։
 +
 +
Կետրինը վառեց բոլոր լույսերը ու սկսեց դատարկել ճամպրուկները։ Սոդայով վիսկի պատվիրեցի և, անկողնում պառկած, կարդացի կայարանում գնած թերթը։ 1918 թվականի մարտ ամիսն էր, և գերմանացիները հարձակվել էին Ֆրանսիայի վրա։ Սոդայով վիսկի էի խմում և թերթ կարդում, մինչև որ Կետրինը դատարկեց ճամպրուկները ու սկսեց պտտվել սենյակում։
 +
 +
― Գիտե՞ս ինչի մասին պետք է մտածեմ, սիրելիս, ― ասաց նա։
 +
 +
― Ինչի՞ մասին։
 +
 +
― Երեխայի հագուստների։ Այս ժամանակ բոլորն էլ հագուստներն արդեն գնած են լինում։
 +
 +
― Հիմա էլ կարող ես գնել։
 +
 +
― Գիտեմ։ Վաղը հենց դրանով էլ կզբաղվեմ։ Կիմանամ, թե ինչն է ամենից անհրաժեշտ։
 +
 +
― Առանց այդ էլ պետք է իմանայիր։ Չէ՞ որ հիվանդապահուհի ես եղել։
 +
 +
― Այո, բայց հիվանդանոցում զինվորները հազվադեպ էին երեխայի տեր դառնում։
 +
 +
― Իսկ ես դարձա։
 +
 +
Նա բարձը գցեց, և վիսկին ու սոդան թափվեցին։
 +
 +
― Էլի կպատվիրեմ, ― ասաց նա։ ― Ներիր, որ թափեցի։
 +
 +
― Ոչինչ, քիչ էր մնացել։ Արի ինձ մոտ։
 +
 +
― Ոչ։ Ես ուզում եմ այնպես անել, որ ինչ֊որ բանի նման լինի մեր սենյակը։
 +
 +
― Ինչի՞ նման։
 +
 +
― Մեր տան։
 +
 +
― Անտանտայի դրոշակը կախիր։
 +
 +
― Ձա՛յնդ։
 +
 +
― Այնպես զգույշ ես ասում, որ կարծես ոչ ոքի չես ուզում վիրավորել։
 +
 +
― Սխալվում ես։
 +
 +
― Դե ուրեմն արի ինձ մոտ։
 +
 +
― Լավ։ ― Եկավ, նստեց մահճակալին։ ― Գիտեմ, սիրելիս, հիմա ես քեզ համար շատ ծիծաղելի եմ։ Տակառի եմ նման։
 +
 +
― Ոչ, ոչ։ Դու գեղեցիկ ես, դու շատ քաղցր ես։
 +
 +
― Ինչ֊որ անճոռնի բանի հետ ես ամուսնացել։
 +
 +
― Ոչ։ Դու անընդհատ ավելի ես գեղեցկանում։
 +
 +
― Բայց ես նորից կնիհարեմ, սիրելիս։
 +
 +
― Հիմա էլ ես նիհար։
 +
 +
― Դու խմել ես։
 +
 +
― Միայն մի բաժակ։
 +
 +
― Հիմա էլի կբերեմ, ― ասաց նա։ ― Չխնդրե՞նք, որ ճաշն էլ այստեղ բերեն։
 +
 +
― Վատ չէր լինի։
 +
 +
― Դե ուրեմն դուրս չենք գա, չէ՞։ Ամբողջ երեկոն տանը կմնանք։
 +
 +
― Ու կխաղանք, ― ասացի ես։
 +
 +
― Գինի եմ խմելու, ― ասաց Կետրինը։ Չի վնասի։ Գուցե մեր հին, սպիտակ կապրին ունենան։
 +
 +
― Գուցե, ― ասացի ես։ ― Այսպիսի հյուրանոցներում միշտ էլ իտալական գինիներ են լինում։
 +
 +
Մատուցողը բախեց դուռը։ Սառույցով վիսկի բերեց, սկուտեղի վրա սոդայի մի փոքրիկ շիշ էլ կար։
 +
 +
― Շնորհակալություն, ― ասացի ես։ ― Այստեղ դրեք։ Խնդրում եմ երկու հոգու համար ճաշ բերել և երկու շիշ սեղանի սպիտակ կապրի, սառույցով։
 +
 +
― Իսկ սուպ չե՞ք ուզենա։
 +
 +
― Եթե կարելի է։
 +
 +
― Մի պնակ։
 +
 +
― Շատ լավ, սըր։
 +
 +
Նա դուրս եկավ ու փակեց դուռը։ Ես նորից թերթ կարդացի, կարդացի պատերազմի մասին, և սառույցով լցված վիսկիի բաժակի մեջ դանդաղ սոդա էի լցնում։ Պետք է ասեի, որ վիսկիի մեջ սառույց չդնեն։ Թող սառույցը առանձին բերեն։ Միայն այդպես կարելի էր որոշել, թե բաժակում որքան վիսկի կա, և հանկարծ չի պարզվի, որ սոդան շատ ես լցրել։ Պետք է մի շիշ վիսկի գնել և ասել, որ միայն սոդա ու սառույց բերեն։ Միակ հարմար ելքն է դա։ Լավ վիսկին շատ հաճելի բան է։ Կյանքի հաճելի երևույթներից մեկն է։
 +
 +
― Ինչի՞ մասին ես մտածում, սիրելիս։
 +
 +
― Վիսկիի։
 +
 +
― Իսկ ի՞նչ։
 +
 +
― Թե ինչ լավ բան է վիսկին։
 +
 +
Կետրինը ծամածռեց դեմքը։
 +
 +
― Դե լավ, ― ասաց նա։
 +
 +
 +
Հյուրանոցում երեք շաբաթ մնացինք։ Վատ չէր։ Ռեստորանը սովորաբար դատարկ էր լինում, և գիշերները հաճախ մեր սենյակում էինք ուտում։ Զբոսնում էինք քաղաքում, տրամվայ նստում, հասնում Ուշի և զբոսնում լճի մոտ։ Եղանակը տաքացավ, և արդեն գարնան հոտ էր գալիս։ Ափսոսում էինք, որ լեռնալանջին չենք ապրում։ Բայց գարնանային եղանակն ընդամենը մի քանի օր էր տևում, և նահանջող ձմռան ցուրտ խոնավությունը նորից զգալի էր դառնում։
 +
 +
Կետրինը գնեց այն ամենն, ինչ անհրաժեշտ էր երեխային։ Ես հաճախում էի մարմնամարզական սրահ և բռնցքամարտի վարժություններ կատարում։ Սովորաբար առավոտներն էի գնում, երբ Կետրինը դեռ անկողնում էր լինում։ Այս կիսագարնանային օրերին շատ հաճելի էր բռնցքամարտից ու լոգանքից հետո քայլել փողոցում, շնչել գարնանային օդը և սրճարան մտնել, և մարդկանց դիտել, և թերթ կարդալ, և վերմուտ խմել, հետո վերադառնալ հյուրանոց ու նախաճաշել Կետրինի հետ։ Բռնցքամարտի մարզիչը բեղեր ուներ, շարժումները ճշգրիտ էին ու կտրուկ, ու նա չափազանց վախենում էր, երբ սկսում էի հարձակվել նրա վրա։  Բայց մարմնամարզության դահլիճում շատ հաճելի էր։ Օդավետ էր ու լուսավոր, և ես կարգին պարապում էի, պարանով ցատկում, բռնցքամարտի զանազան ձևեր սովորում և բաց պատուհանից ընկած արևի ճառագայթների շերտի տակ պառկում էի հատակին ու փորի վարժություններ կատարում ու, երբեմն, մարզիչի հետ բռնցքամարտ խաղալիս, վախեցնում էի նրան։ Սկզբում չէի կարողանում նեղ ու երկար հայելու առաջ բռնցքամարտ սովորել, որովհետև շատ տարօրինակ էր մորուքավոր բռնցքամարտիկի տեսնել։ Բայց ի վերջո դա զվարճալի դարձավ։ Հենց որ սկսեցի բռնցքամարտով զբաղվել, ուզեցի մորուքս սափրել, բայց Կետրինը թույլ չտվեց։
 +
 +
Երբեմն Կետրինն ու ես կառք էինք նստում և զբոսնում քաղաքից դուրս։ Հաճելի էր լավ եղանակին կառքով զբոսնել, ու մենք երկու հրաշալի ճաշարան հայտնաբերեցինք ճանապարհին։ Կետրինը հիմա չէր կարողանում երկար քայլել, և ինձ դուր էր գալիս կառք նստել ու գյուղամիջյան ճամփաներով զբոսնել նրա հետ։ Լավ եղանակին հիանալի ժամանակ էինք անցկացնում, ու մենք երբեք վատ ժամանակ չանցկացրինք։ Գիտեինք, որ շուտով կծնվի մեր երեխան, և դա երկուսիս էլ ստիպում էր մի տեսակ շտապել, չկորցնել այն րոպեները, երբ կարող էինք միասին լինել։
 +
 +
 +
==Գլուխ 41==
 +
 +
Մի գիշեր մոտ ժամը երեքին արթնացա ու զգացի, որ Կետրինը շուռումուռ էր գալիս անկողնում։
 +
 +
― Լավ չե՞ս, Կետ։
 +
 +
― Ցավեր ունեմ, սիրելիս։
 +
 +
― Հաճախակի՞ ցավեր են։
 +
 +
― Ոչ այնքան։
 +
 +
― Եթե հաճախակի դառնան, պետք է հիվանդանոց գնալ։
 +
 +
Քունս շատ էր տանում, ու ես քնեցի։ Քիչ անց նորից արթնացա։
 +
 +
― Գուցե բժշկին զանգես, ― ասաց Կետրինը։ ― Ինձ թվում է, որ արդեն սկսվում է։
 +
 +
Մոտեցա հեռախոսին ու զանգահարեցի բժշկին։
 +
 +
― Որքա՞ն ժամանակը մեկ են ցավերը գալիս, ― հարցրեց նա։
 +
 +
― Ոքրա՞ն ժամանակը մեկ են ցավերդ գալիս, Կետ։
 +
 +
― Ինձ թվում է՝ տասնհինգ րոպեն մեկ։
 +
 +
― Այդ դեպքում, պետք է հիվանդանոց տեղափոխել, ― ասաց բժիշկը։ ― Հիմա կհագնեվեմ և անմիջապես կգամ։
 +
 +
Կախեցի հեռախոսափողը և ապա զանգահարեցի կայարանամերձ գարաժ, որպեսզի տաքսի պատվիրեմ։ Բայց երկար ժամանակ ոչ ոք չէր պատասխանում։ Վերջապես ինչ֊որ մեկը մոտեցավ հեռախոսին ու խոստացավ անհապաղ տաքսի ուղարկել։ Կետրինը հագնվում էր։ Բոլոր անհրաժեշտ իրերն ու երեխայի շորերն արդեն վաղուց դրված էին ճամպրուկի մեջ։ Միջանցք ելա ու սեղմեցի վերելակի կոճակը։ Պատասխան չեղավ։ Իջա ներքև։ Բացի գիշերապահից ներքևում ոչ ոք չկար։ Ես ինքս բարձրացրի վերելակը, վերցրի Կետրինի իրերը, նա մտավ ներս, ու մենք ցած իջանք։ Գիշերապահը բաց արեց դուռը, ու մենք նստեցինք մուտքի աստիճանների անկյունաքարերին և սկսեցինք տաքսի սպասել։ Պարզ գիշեր էր, ու երկնքում աստղեր կային։ Կետրինը շատ էր հուզված։
 +
 +
― Այնքան ուրախ եմ, որ սկսվեց, ― ասաց նա։ ― Շուտով ամեն ինչ կվերջանա։
 +
 +
― Իմ լավ, իմ քաջ աղջիկ։
 +
 +
― Չեմ վախենում։ Բայց երանի շուտ գար տաքսին։
 +
 +
Լսեցինք մոտեցող մեքենայի աղմուկը ու տեսանք լուսարձակները։ Տաքսին կանգնեց հյուրանոցի մուտքի մոտ, ու ես Կետրինին օգնեցի նստել, իսկ վարորդը ճամպրուկը դրեց առջևի նստատեղին։
 +
 +
― Հիվանդանոց, ― ասացի ես։
 +
 +
Դուրս եկանք սալահատակ ճանապարհը և սկսեցինք բարձրանալ դեպի բլուրը։
 +
 +
Երբ հիվանդանոց հասանք, ես վերցրի ճամպրուկը, ու մենք ներս մտանք։ Գրասեղանի մոտ նստած էր մի կին, որը մատյանի մեջ գրանցեց Կետրինի անուն ազգանունը, տարիքը, հասցեն, տվյալներ ազգականների մասին և կրոնական պատկանելիությունը։ Կետրինն ասաց, որ ոչ մի կրոն չունի, և կինն այդ բառերի դիմաց գծիկ դրեց։ Ասաց նաև, որ նրա անուն ազգանունը Կետրին Հենրի է։
 +
 +
― Ես ձեզ կուղեկցեմ, ― ասաց կինը։
 +
 +
Վերելակով բարձրացանք։ Կինը կանգնեցրեց վերելակը, դուրս եկանք միջանցք ու հետևեցինք նրան։ Կետրինն ամուր բռնել էր իմ թևը։
 +
 +
― Սա է ձեր սենյակը, ― ասաց նա։ ― Խնդրում եմ հանվեք և մտեք անկողին։ Հագեք այս գիշերանոցը։
 +
 +
― Գիշերանոց ունեմ, ― ասաց Կետրինը։
 +
 +
― Ավելի լավ է սա հագնեք, ― ասաց կինը։
 +
 +
Դուրս եկա միջանցք ու նստեցի աթոռին։
 +
 +
― Հիմա կարող եք մտնել, ― դռան միջից ասաց կինը։
 +
 +
Կետրինը պառկել էր նեղ մահճակալի վրա և հագել կոշտ կտորից կարված, քառակուսի բացվածքով մի հասարակ գիշերանոց։ Նա ժպտաց ինձ։
 +
 +
― Հիմա արդեն լավ է ցավում, ― ասաց նա։
 +
 +
Կինը բռնել էր նրա դաստակը և ժամացույցով հետևում էր ցավերին։
 +
 +
― Այ, հիմա ուժեղ ցավեց, ― ասաց Կետրինը։
 +
 +
Ես դա զգացի նրա դեմքից։
 +
 +
― Որտե՞ղ է բժիշկը, ― հարցրի կնոջը։
 +
 +
― Քնած է ներքևում։ Երբ որ կարիք լինի կգա։ Պետք է որոշ բաներ անել Madame֊ին, ― ասաց հիվանդապահուհին։ ― Եթե կարելի է նորից դուրս եկեք։
 +
 +
Դուրս եկա միջանցք։ Դատարկ միջանցք էր, երկու պատուհան ու փակ դռներ։ Հիվանդանոցի հոտ էր գալիս։ Աթոռին նստած, նայում էի հատակին ու աղոթում Կետրինի համար։
 +
 +
― Կարող եք գալ, ― ասաց հիվանդապահուհին։
 +
 +
Ներս մտա։
 +
 +
― Հելլո, սիրելիս, ― ասաց Կետրինը։
 +
 +
― Ինչպե՞ս ես։
 +
 +
― Հիմա ավելի հաճախ են ցավերս գալիս։
 +
 +
Դեմքն աղավաղվեց։ Հետո նա ժպտաց։
 +
 +
― Այ սա իսկական ցավ էր։ Խնդրում եմ, ձեր ձեռքը նորից մեջքիս դրեք։
 +
 +
― Եթե օգնում է, կդնեմ, ― ասաց հիվանդապահուհին։
 +
 +
― Գնա, սիրելիս, ― ասաց Կետրինը։ ― Գնա և մի բան կեր։ Հիվանդապահուհին ասում է, որ սա կարող է երկար տևել։
 +
 +
― Առաջին ծննդաբերությունն ընդհանրապես երկար է տևում, ― ասաց հիվանդապահուհին։
 +
 +
― Խնդրում եմ, գնա և մի բան կեր, ― ասաց Կետրինը։ ― Ես իրոք լավ եմ զգում։
 +
 +
― Մի քիչ էլ կմնամ, ― ասացի ես։
 +
 +
Ցավերը կանոնավորապես կրկնվում էին, բայց հետո նվազեցին։ Կետրինը շատ էր հուզված։ Երբ ցավը սաստիկ էր լինում, ասում էր, որ լավ ցավ է։ Իսկ երբ նվազեցին, հուսախաբվեց ու ամաչեց։
 +
 +
― Գնա սիրելիս, ― ասաց նա։ ― Քո ներկայությունը կաշկանդում է ինձ։ ― Դեմքն աղավաղվեց։ ― Ահա։ Այս մեկն արդեն ավելի լավ էր։ Այնպես եմ ուզում լավ կին լինել և առանց խենթությունների ծննդաբերել։ Խնդրում եմ, գնա նախաճաշիր, սիրելիս հետո վերադարձիր։ Չեմ տխրի առանց քեզ։ Հիվանդապահուհին շատ հոգատար է։
 +
 +
― Դուք շատ ժամանակ ունեք նախաճաշելու, ― ասաց հիվանդապահուհին։
 +
 +
― Լավ, կգնամ։ Ցտեսություն, սիրելիս։
 +
 +
― Ցտեսություն, ― ասաց Կետրինը։ ― Իմ փոխարեն էլ նախաճաշիր։
 +
 +
― Որտե՞ղ կարող եմ նախաճաշել, ― հարցրի հիվանդապահուհուն։
 +
 +
― Փողոցի ծայրին, հրապարակի մոտ սրճարան կա, ― ասաց նա։ ― Պետք է որ արդեն բաց լինի։
 +
 +
Արդեն լուսանում էր։ Քայլեցի դատարկ փողոցով ու հասա սրճարան։ Պատուհանում լույս էր վառվում։ Ներս մտա ու կանգնեցի ցինկե վաճառասեղանի մոտ, ու մի ծերուկ ինձ տվեց մի բաժակ սպիտակ գինի և բրիոշ։ Հին բրիոշ էր։ Ես այն թաթախեցի գինու մեջ, իսկ հետո մի բաժակ սուրճ խմեցի։
 +
 +
― Ի՞նչ եք անում այս ժամին, ― հարցրեց ծերուկը։
 +
 +
― Կինս ծննդաբերում է հիվանդանոցում։
 +
 +
― Հա՜։ Հաջողություն եմ ցանկանում։
 +
 +
― Մի բաժակ էլ գինի տվեք։
 +
 +
Նա շատ թեքեց շիշը, և մի քիչ գինի թափվեց վաճառասեղանին։ Խմեցի, վճարեցի ու դուրս եկա։ Բոլոր տների առջև աղբամաններ էին դրված։ Աղբատարը պիտի գար ու հավաքեր։ Մի շուն հոտոտում էր աղմաբաններից մեկը։
 +
 +
― Ի՞նչ ես ուզում, ― հարցրի նրան, կռացա ու նայեցի, թե արդյոք աղբամանում ուտելու ոչինչ չկա՞ր նրա համար։ Սրճի թանձրուկ էր, փոշի, մի քանի թոշնած ծաղիկ և ուրիշ ոչինչ։
 +
 +
― Ուտելիք չկա, շուն, ― ասացի ես։
 +
 +
Շունն անցավ դիմացի մայթը։ Գնացի հիվանդանոց, բարձրացա Կետրինի հարկը, քայլեցի միջանցքով ու հասա դռանը։ Բախեցի։ Պատասխան չեկավ։ Բաց արի դուռը։ Սենյակը դատարկ էր, միայն Կետրինի ճամպրուկն էր աթոռի վրա և կեռիկից կախված նրա խալաթը։ Դուրս եկա միջանցք ու սկսեցի փնտրել որևէ մեկի։ Տեսա մի ուրիշ հիվանդապահուհու։
 +
 +
― Որտե՞ղ է Madame Հենրին։
 +
 +
― Հենց հիմա մի կնոջ ծննդասենյակ տարան։
 +
 +
― Որտե՞ղ է այդ սենյակը։
 +
 +
― Ես ձեզ կուղեկցեմ։
 +
 +
Նա ինձ տարավ մինչև միջանցքի վերջը։ Ծննդասենյակի դուռն բաց էր։ Տեսա, որ Կետրինին պառկեցրել էին սեղանի վրա ու սավանով ծածկել։ Սեղանի մի կողմում կանգնած էր հիվանդապահուհին, իսկ մյուս կողմում, ինչ֊որ գլանների մոտ՝ բժիշկը։ Նա բռնել էր ռետինե դիմակը, որի ծայրին խողովակ կար։
 +
 +
― Ես ձեզ խալաթ կտամ, ու դուք կարող եք մտնել, ― ասաց հիվանդապահուհին։ ― Այստեղ եկեք, խնդրում եմ։
 +
 +
Նա ինձ սպիտակ խալաթ հագցրեց ու անգլիական գնդասեղով ամրացրեց ետևի կողմից։
 +
 +
― Հիմա կարող եք մտնել, ― ասաց նա։
 +
 +
Սենյակ մտա։
 +
 +
― Դո՞ւ ես, սիրելիս, ― լարված ձայնով ասաց Կետրինը։ ― Առաջ չի գնում։
 +
 +
― Դո՞ւք եք միստր Հենրին, ― հարցրեց բժիշկը։
 +
 +
― Այո։ Ինչպե՞ս է վիճակը, բժիշկ։
 +
 +
― Շատ լավ է, ― ասաց բժիշկը։ ― Մենք եկանք, որպեսզի ցավերի ժամանակ կարողանանք գազ տալ։
 +
 +
― Տվեք, ― ասաց Կետրինը։
 +
 +
Բժիշկը ռետինե դիմակով ծածկեց նրա երեսը, ինչ֊որ սկավառակ պտտեց, ու ես տեսա, թե ինչպես Կետրինն սկսեց խոր ու արագ շնչել։ Հետո նա մի կողմ հրեց դիմակը։ Բժիշկն անջատեց գործիքը։
 +
 +
― Ուժեղ չէ։ Քիչ առաջ շատ ուժեղ էր։ Բժիշկն այնպես արեց, որ կարծես ես այլևս գոյություն չունեի, այնպես չէ՞, բժիշկ։
 +
 +
Ձայնը տարօրինակ էր հնչում։ «Բժիշկ» բառի վրա բարձրացավ։ Բժիշկը ժպտաց։
 +
 +
― Նորից եմ ուզում, ― ասաց Կետրինը։
 +
 +
Նա ռետինը կիպ սեղմել էր դեմքին և արագ֊արագ շնչում էր։ Լսեցի, թե ինչպես թեթևակի տնքաց։ Հետո հանեց դիմակն ու ժպտաց։
 +
 +
― Ավելի ուժեղ էր, ― ասաց նա։ ― Սա շատ ուժեղ էր։ Մի մտահոգվիր, սիրելիս, գնա։ Գնա մի անգամ էլ նախաճաշիր։
 +
 +
― Ոչ մի տեղ չեմ գնա, ― ասացի ես։
 +
 +
 +
Մենք հիվանդանոց գնացինք գիշերվա մոտ ժամը երեքին։ Կեսօրին Կետրինը դեռ ծննդաբերում էր։ Ցավերը նորից թուլացել էին։ Շատ հոգնած ու տանջված տեսք ուներ, բայց և այնպես չէր կորցրել աշխուժությունը։
 +
 +
― Ես ոչ մի բանի պետք չեմ, ― ասաց նա։ ― Շատ եմ ցավում։ Կարծում էի, թե ամեն ինչ հեշտ կանցնի։ Իսկ հիմա, տես, նորից․․․ ձեռքը տարավ դիմակին ու դրեց երեսի վրա։ Բժիշկը պտտեց սկավառակը ու հետևեց նրան։ Քիչ անց ցավը վերացավ։
 +
 +
― Այս մեկը թույլ էր, ― ասաց Կետրինը։ Նա ժպտաց։ ― Գժվում եմ այս գազի համար։ Հրաշալի բան է։
 +
 +
― Մի քանի հատ տուն տանենք, ― ասացի ես։
 +
 +
― Հիմա նորից կլինի, ― արագ ասաց Կետրինը։
 +
 +
Բժիշկը պտտեց սկավառակը ու նայեց ժամացույցին։
 +
 +
― Հիմա ինչքա՞ն են ընդմիջումները, ― հարցրի ես։
 +
 +
― Մոտ մի րոպե։
 +
 +
― Քաղցած չե՞ք։
 +
 +
― Քիչ հետո կգնամ կնախաճաշեմ, ― ասաց նա։
 +
 +
― Դուք պետք է մի բան ուտեք, բժիշկ, ― ասաց Կետրինը։ ― Ցավում եմ, որ այսքան երկար տևեց։ Գուցե առայժմ ամուսինս կարողանա գազ տալ։
 +
 +
― Ինչպես ուզում եք, ― ասաց բժիշկը։ ― Պտտեք մինչև երկու թվանշանը։
 +
 +
― Պարզ է, ― ասացի ես։
 +
 +
Սկավառակի վրա նշան կար և շարժալծակ։
 +
 +
― Հենց հիմա, տվեք, ― ասաց Կետրինը։
 +
 +
Նա դիմակն ամուր սեղմել էր երեսին։ Ես սկավառակը պտտեցրի մինչև երկու թվանշանը, ու երբ Կետրինը հանեց դիմակը, ետ տարա։ Շատ ուրախ էի, որ բժիշկն ինձ գործ տվեց անելու։
 +
 +
― Գազը դո՞ւ տվեցիր, սիրելիս, ― հարցրեց Կետրինը։ ― Նա շոյեց ձեռքս։
 +
 +
― Իհարկե։
 +
 +
― Ինչ լավն ես։
 +
 +
Նա մի փոքր հարբել էր գազից։
 +
 +
― Ես կողքի սենյակում եմ նախաճաշելու, ― ասաց բժիշկը։ Երբ որ ուզենաք կարող եք կանչել։
 +
 +
Ժամանակն անցնում էր, ու ես նայում էի, թե ինչպես էր ուտում, քիչ հետո տեսա, որ պառկեց ու սկսեց ծխել։ Կատրինն էլ ավելի էր հոգնում։
 +
 +
― Ի՞նչ ես կարծում, ծննդաբերելու եմ, թե ոչ, ― հարցրեց նա։
 +
 +
― Իհարկե ծննդաբերելու ես։
 +
 +
― Ինչ֊որ հնարավոր է, անում եմ։ Հրում եմ, բայց էլի ետ է գալիս։ Հիմա նորից կլինի։ Տուր, տուր։
 +
 +
Ժամը երկուսին դուրս եկա հիվանդանոցից ու գնացի ճաշելու։ Սրճարանում քիչ մարդ կար, սեղանների վրա դրված էին սուրճ և կեռասօղիով լցված բաժակներ։ Նստեցի սեղաններից մեկի մոտ։
 +
 +
― Ի՞նչ կա ուտելու, ― հարցրի մատուցողին։
 +
 +
― Ճաշի ժամն արդեն անցել է։
 +
 +
― Իսկ մշտական ուտելիք չունե՞ք։
 +
 +
― Կարող եմ choucroute<ref>Կաղամբով նրբերշիկ (ֆր․)։</ref> տալ։
 +
 +
― Choucroute<ref>Թթու կաղամբ (գերմ․)։</ref> և գարեջուր։
 +
 +
― Մի գավաթ, թե կես։
 +
 +
― Կես գավաթ, բաց գույնի։
 +
 +
Մատուցողը բերեց մի պնակ cauerkraut,<ref>Թթու կաղամբ (գերմ․)։</ref> որի վրա մի կտոր խոզապուխտ կար, գինիով պատրաստված տաք կաղամբ ու նրբերշիկ։ Կերա կաղամբը ու գարեջուր խմեցի։ Շատ էի քաղցած։ Նայեցի սրճարանում նստած մարդկանց։ Սեղաններից մեկի մոտ թուղթ էին խաղում։ Հարևան սեղանին նստած երկու տղամարդ զրուցում էին ու ծխում։ Սրճարանը ծխով էր լցված։ Ցինկե վաճառասեղանի մոտ, որտեղ ես նախաճաշել էի առավոտյան, հիմա երեք հոգի էին կանգնած։ Ծերուկը, դրամարկղի մոտ նստած մի գեր, սևազգեստ կին, որը հետևում էր, թե ինչ էին ուտում մարդիկ և գոգնոց հագած մի տղա։ Մտածում էի, թե արդյոք քանի՞ երեխա ուներ այդ կինը և ինչպե՞ս էր ծննդաբերել։
 +
 +
Choucroute֊ը կերա ու վերադարձա հիվանդանոց։ Փողոցն արդեն մաքուր էր։ Աղբամաններ չկային։ Ամպոտ օր էր, բայց արևը փորձում էր դուրս գալ։ Բարձրացա վերելակով, միջանցք ելա ու գնացի Կետրինի սենյակը, որտեղ իմ սպիտակ խալաթն էի թողել։ Հագա ու գնդասեղով ամրացրի ետևից։ Նայեցի հայելուն, և ինձ թվաց, թե մորուքավոր ու խարդախ բժշկի եմ նման։ Քայլեցի միջանցքով ու մոտեցա ծծնդասենյակին։ Բաց արի ու ներս մտա։ Բժիշկը նստել էր Կետրինի կողքին։ Հիվանդապահուհին ինչ֊որ բան էր անում սենյակի մյուս ծայրում։
 +
 +
― Ահա ձեր ամուսինը, ― ասաց բժիշկը։
 +
 +
― Օ, սիրելիս, հիանալի բժշկի ձեռք եմ ընկել, ― տարօրինակ ձայնով ասաց Կետրինը։ ― Նա մի հոյակապ անեկդոտ պատմեց ինձ, իսկ երբ ցավերս ուժեղացան, այնպես արեց, որ կարծես այլևս գոյություն չունեի։ Նա հիանալի բժիշկ է։ Դուք հիանալի բժիշկ եք։
 +
 +
― Դու հարբա՞ծ ես, ― ասացի ես։
 +
 +
― Գիտեմ, ― ասաց Կետրինը։ ― Բայց մի ասա։ ― Հետո՝ ― տուր։ Շուտ արա, տուր։
 +
 +
Նա եղունգներով սեղմեց դիմակը և սկսեց այնքան արագ ու ընդհատ֊ընդհատ շնչել, որ ապարատի մեջ ինչ֊որ բան չխկչխկաց։ Հետո խորը շունչ քաշեց, և բժիշկը մեկնեց ձախ ձեռքն ու հանեց դիմակը։
 +
 +
― Այս մեկը շատ ուժեղ էր, ― ասաց Կետրինը։ ― Ձայնը շատ տարօրինակ էր։ ― Հիմա արդեն չեմ մեռնի, սիրելիս։ Անցավ վտանգը, երբ կարող ես մեռնել։ Ուրախ չե՞ս։
 +
 +
― Էլ չվերադարձա այնտեղ։
 +
 +
― Չեմ վերադառնա։ Եվ չեմ վախենում։ Չեմ մեռնի, սիրելիս։
 +
 +
― Այդպիսի հիմարություն չեք անի, ― ասաց բժիշկը։ ― Չեք մեռնի և ձեր ամուսնուն մենակ չեք թողնի։
 +
 +
― Օ, ոչ։ Չեմ մեռնի։ Չեմ մեռնելու։ Հիմարություն է մեռնելը։ Ըհը, նորից սկսեց։ Տվեք։
 +
 +
Քիչ անց բժիշկն ասաց․
 +
 +
― Միստր Հենրի, ― մի քանի րոպեով դուրս եկեք, ես պետք է քննեմ ձեր կնոջը։
 +
 +
― Ուզում է վիճակս ստուգել, ― ասաց Կետրինը։ ― Հետո կարող ես գալ, սիրելիս, այնպես չէ՞, բժիշկ։
 +
 +
― Այո, ― ասաց բժիշկը։ Իմաց կտամ։
 +
 +
Դուրս եկա ու գնացի Կետրինի սենյակը, որտեղ, ծննդաբերությունից հետո, պետք է բերեին նրան։ Նստեցի աթոռին ու նայեցի շուրջս։ Գրպանումս մի թերթ կար, որ գնել էի նախաճաշի գնալիս, ու սկսեցի կարդալ։ Արդեն մթնում էր, ու ես վառեցի լույսը, որպեսզի կարողանամ կարդալ։ Քիչ անց թերթը մի կողմ դրեցի, հանգցրի լույսը ու նայեցի, թե ինչպես է օրը մթնում։ Ինչո՞ւ բժիշկը մինչև հիմա իմաց չէր տալիս։ Գուցե ավելի լավ է, որ չմնացի այնտեղ։ Գուցե նա ուզում էր, որ դուրս գայի։ Նայեցի ժամացույցիս։ Եթե տասը րոպեից ոչ ոք չգա, այնուամենայնիվ կվերադառնամ։
 +
 +
Իմ խեղճ, խեղճ, իմ սիրելի Կետրին։ Սա է այն գինը, որ վճարում ես իրար հետ պառկելու համար։ Սա է ծուղակը։ Սա է իրար սիրելու վերջը։ Գոնե փառք տանք աստծուն, որ գազ գոյություն ունի։ Իսկ ի՞նչ էին անում առաջ առանց անզգայացման։ Հենց որ սկսում է, կարծես ջրաղացի անիվների տակ ես ընկնում։ Կետրինը լավ տարավ հղիությունը։ Բնավ վատ չտարավ։ Սիրտն անգամ գրեթե չէր խառնում։ Մինչև վերջերս անհանգստություն չէր զգում, իսկ հիմա ամեն ինչ շուռ եկավ։ Հատուցումից չես փախչի։ Կփախչես, ինչպե՜ս չէ։ Ու եթե թեկուզ հիսուն անգամ ամուսնացած լինեինք, միևնույն է, սա պիտի պատահեր։ Իսկ եթե հանկարծ մեռնի՞։ Չի մեռնի։ Հիմա ծննդաբերությունից ոչ ոք չի մեռնում։ Այդպես են մտածում բոլոր ամուսինները։ Այո, բայց եթե հանկարծ մեռնի՞։ Չի մեռնի։ Պարզապես տանջվում է։ Առաջին ծննդաբերությունն ընդհանրապես երկար է տևում։ Նա միայն տանջվում է, ուրիշ ոչինչ։ Հետո ասելու ենք իրար․ երևի ինչքան տանջվեցիր, իսկ Կետրինն ասելու է, որ այնքան էլ չի տանջվել։ Բայց եթե հանկարծ մեռնի՞։ Չի կարող մեռնել։ Խելքդ մի կորցրու։ Նա պարզապես տանջվում է հիմա։ Պարզապես, բնությունն այնպես է ստեղծել մարդուն, որ նա տանջվի։ Սա առաջին ծննդաբերությունն է, իսկ առաջին ծննդաբերությունը ընդհանրապես երկար է տևում։ Այո, բայց եթե հանկարծ մեռնի՞։ Չի կարող մեռնել։ Ինչո՞ւ պիտի մեռնի։ Ի՞նչ պատճառ կա մեռնելու։ Պարզապես երեխա պիտի ծնվի, միլանյան գիշերների մի հարակից արդյունք։ Նա է այս բոլոր դառնությունների պատճառը, իսկ հետո կծնվի, հետո կհոգաս նրա մասին, գուցե և կսկսես սիրել։ Ոչ մի վտանգ չկա։ Իսկ եթե մեռնի՞։ Չի մեռնի։ Իսկ եթե հանկա՞րծ մեռնի։ Չի մեռնի։ Բայց եթե մեռնի՛, մեռնի՛։ Հե՜յ, ի՞նչ կանես, եթե մեռնի։ Եթե հանկա՛րծ մեռնի։
 +
 +
Բժիշկը սենյակ մտավ։
 +
 +
― Ի՞նչ կա, բժիշկ։
 +
 +
― Ոչինչ։
 +
 +
― Ի՞նչ եք ուզում ասել։
 +
 +
― Արդեն ասացի։ Ես քննեցի նրան։ ― Ու մանրամասն պատմեց քննության արդյունքերը։ ― Հետո նորից սպասեցի։ Բայց գործն առաջ չի գնում։
 +
 +
― Ի՞նչ եք խորհուրդ տալիս։
 +
 +
― Երկու միջոց կա։ Կամ սաղմնահան, թեև դրանից կարող են պատռվածքներ առաջանալ և ընդհանրապես դա վտանգավոր է կնոջ համար, էլ չեմ ասում՝ երեխայի, կամ էլ կեսարյան հատում։
 +
 +
― Իսկ կեսարյան հատումը վտանգավոր չէ՞։ Հանկարծ չմեռնի։
 +
 +
― Բնական ծննդաբերությունից ոչ ավելի։
 +
 +
― Կարո՞ղ եք ինքներդ անել։
 +
 +
― Այո։ Հավանաբար, մի ժամ է հարկավոր, մինչև որ ամեն ինչ պատրաստեմ և հավաքեմ անհրաժեշտ բուժանձնակազմը։ Գուցե և մի քիչ պակաս։
 +
 +
― Իսկ ձե՞ր կարծիքն ինչ է։
 +
 +
― Ես խորհուրդ կտայի կեսարյան հատում անել։ Եթե նա իմ կինը լիներ, ես կեսարյան հատում կանեի։
 +
 +
― Ի՞նչ հետևանքներ կարող են լինել։
 +
 +
― Ոչ մի։ Միայն սպի։
 +
 +
― Իսկ վարա՞կ։
 +
 +
― Եթե սաղմնահանով ծննդաբերեր, վտանգն ավելի մեծ կլիներ։
 +
 +
― Իսկ եթե ոչինչ չանեք ու սպասե՞ք։
 +
 +
― Վաղ թե ուշ ստիպված ենք որևէ բան անել։ Միսսիս Հենրին առանդ այդ էլ արդեն ուժասպառ է։ Որքան շուտ վիրահատեք, այնքան լավ է։
 +
 +
― Հնարավորին չափ շուտ վիրահատեք, ― ասացի ես։
 +
 +
― Հիմա կգնամ կկարգադրեմ։
 +
 +
Մտա ծննդասենյակ։ Հիվանդապահուհին Կետրինի մոտ էր։ Իսկ Կետրինը հոգնած ու շատ դժգույն, պառկած էր սեղանին, և նրա խոշոր մարմինը ծածկված էր սավանով։
 +
 +
― Ասացի՞ր, որ համաձայն ես, ― հարցրեց նա։
 +
 +
― Այո։
 +
 +
― Լավ է, չէ՞։ Մի ժամից ամեն ինչ կվերջանա։ Էլ ուժ չունեմ, սիրելիս։ Լավ է, չէ՞։ Մի ժամից ամեն ինչ կվերջանա։ Էլ ուժ չունեմ, սիրելիս։ Էլ չեմ կարող։ Խնդրում եմ, տուր այդ բանը։ Չի օգնում։ Օ՜հ, չի օգնում։
 +
 +
― Ավելի խոր շնչիր։
 +
 +
― Շնչում եմ։ Էլ չի օգնում։
 +
 +
― Ուրիշ գլան տվեք, ― ասացի հիվանդապահուհուն։
 +
 +
― Սա նոր գլան է։
 +
 +
― Ես խենթ եմ, սիրելիս, ― ասաց Կետրինը։ ― Բայց էլ չի օգնում։ ― Նա սկսեց արտասվել։ ― Շատ էի ուզում, որ փոքրիկը ծնվեր, ու ես չանհանգստացնեի ոչ ոքի։ Բայց արդեն ուժ չունեմ, էլ չեմ կարող, էլ չի օգնում։ Օ, սիրելիս, էլ չի օգնում։ Թող մեռնեմ, միայն թե սա վերջանա։ Խնդրում եմ, սիրելիս, խնդրում եմ, այնպես արա, որ վերջանա։ Այ նորից սկսեց։ Օ֊օ֊օ֊օ՜։ ― Շնչում էր դիմակի տակ ու հեծկլտում։ ― Չի օգնում։ Չի օգնում։ Չի օգնում։ Բանի տեղ մի դիր, սիրելիս։ Խնդրում եմ, մի լացիր։ Բանի տեղ մի դիր։ Էլ չեմ կարող։ Խեղճ տղա։ Ես քեզ շատ եմ սիրում, ես նորից կփորձեմ։ Հիմա կփորձեմ։ Չե՞ն կարող մի ուրիշ բան տալ։ Եթե միայն կարողանային․․․
 +
 +
― Այնպես կանեմ, որ օգնի։ Մինչև վերջ կպտտեմ։
 +
 +
― Հենց հիմա արա։
 +
 +
Սկավառակը պտտեցի մինչև վերջ, ու երբ նա սկսեց ծանր ու խորը շնչել, դիմակին սեղմած նրա ձեռքերը թուլացան։ Ես անջատեցի գազը և հանեցի դիմակը։ Նա շատ հեռվից վերադարձավ։
 +
 +
― Ինչ լավ էր, սիրելիս։ Ինչքան բարի ես։
 +
 +
― Համբերիր, քաջ եղիր, ես չեմ կարող անընդհատ այդպես անել։ Դա կարող է սպանել քեզ։
 +
 +
― Ես արդեն քաջ չեմ, սիրելիս։ Ջարդված եմ։ Ջարդեցին ինձ։ Հիմա ես գիտեմ այդ։
 +
 +
― Շատերն են այդպես լինում։
 +
 +
― Սարսափելի է։ Այնքան են տանջում, մինչև որ ջարդվես։
 +
 +
― Մի ժամից ամեն ինչ կվերջանա։
 +
 +
― Ինչ լավ է։ Չեմ մեռնի, չէ՞, սիրելիս։
 +
 +
― Ոչ։ Խոստանում եմ, որ չես մեռնի։
 +
 +
― Որովհետև չեմ ուզում մեռնել և քեզ մենակ թողնել, բայց շատ եմ հոգնել և զգում եմ, որ պիտի մեռնեմ։
 +
 +
― Դատարկ բաներ մի ասա։ Բոլորն են այդպես զգում։
 +
 +
― Երբեմն ես որոշակի զգում եմ, որ պիտի մեռնեմ։
 +
 +
― Չես մեռնի։ Չես կարող մեռնել։
 +
 +
― Իսկ եթե՞․․․
 +
 +
― Ես թույլ չեմ տա․․․
 +
 +
― Տուր այդ բանը։ Շուտ արա։
 +
 +
Հետո՝
 +
 +
― Չեմ մեռնի։ Ես էլ ինձ թույլ չեմ տա։
 +
 +
― Իհարկե չես մեռնի։
 +
 +
― Կմնա՞ս ինձ մոտ։
 +
 +
― Այո, բայց չեմ նայի։
 +
 +
― Լավ։ Բայց մի գնա։
 +
 +
― Չեմ գնա։ Միշտ քո կողքին եմ մնալու։
 +
 +
― Որքան բարի ես։ Տուր։ Էլի տուր։ Չի օգնում։ ― Սկավառակը պտտեցի մինչև երեք թվանշանը, իսկ հետո՝ չորս։ Երանի շուտ վերադառնար բժիշկը։ Վախենում էի երկուսին հաջորդող բոլոր թվանշաններից։
 +
 +
Վերջապես մի ուրիշ բժիշկ եկավ ու երկու հիվանդապահուհի, որոնք Կետրինին դրեցին անիվավոր պատգարակի վրա, ու մենք դուրս եկանք միջանցք։ Պատգարակն արագ֊արագ քշեցին միջանցքով ու մտան վերելակ, և մենք սեղմվեցինք պատերին, որպեսզի տեղ բացենք։ Հետո՝ վերև, հետո՝ բաց դուռ, վերելակից դեպի միջանցք, ռետինե անիվները միջանցքում, ապա՝ վիրահատարանում։ Բժիշկը դիմակ էր հագել ու թասակ դրել գլխին, և ես չճանաչեցի նրան։ Այնտեղ մի ուրիշ բժիշկ էլ կար ու մի քանի հիվանդապահուհի։
 +
 +
― Թող ինձ մի որևէ բան տան, ― ասաց Կետրինը։ ― Թող ինձ որևէ բան տան։ Խնդրում եմ, բժիշկ, այնքան տվեք, որ ազդի։
 +
 +
Բժիշկներից մեկը դիմակով ծածկեց նրա երեսը, ու ես նայեցի դռնից և տեսա վիրահատարանի պայծառ ու փոքրիկ ամֆիթատրոնը։
 +
 +
― Կարող եք մյուս դռնից մտնել ու նստել, ― մի հիվանդապահուհի ասաց ինձ։
 +
 +
Արգելապատից այն կողմ մի քանի նստարան կար, որտեղից երևում էին սպիտակ սեղանն ու լամպը։ Ես նայեցի Կետրինին։ Դեմքը ծածկված էր դիմակով, ու նա հիմա հանգիստ էր թվում։ Պատգարակն առաջ տարան։ Շրջվեցի ու դուրս եկա միջանցք։ Երկու հիվանդապահուհի շտապում էին դեպի սրահը։
 +
 +
― Կեսարյան հատում է, ― ասաց նրանցից մեկը։ ― Կեսարյան հատում են անելու։
 +
 +
Մյուսը ծիծաղեց։
 +
 +
― Իսկական ժամանակին ենք գնում։ Բախտներս բերեց։
 +
 +
Նրանք ներս մտան սրահի դռնից։
 +
 +
Եկավ նաև մի ուրիշ հիվանդապահուհի։ Նա էլ էր շտապում։
 +
 +
― Մտեք, ուղիղ ներս մտեք, ― ասաց նա։
 +
 +
― Ես այստեղ կսպասեմ։
 +
 +
Նա շտապ ներս մտավ։ Ետ ու առաջ էի քայլում միջանցքում։ Վախենում էի մտնել։ Մոտեցա պատուհանին ու դուրս նայեցի։ Մութ էր, բայց պատուհանի լույսի տակ տեսա, որ անձրև է գալիս։ Մտա միջանցքի ծայրին գտնվող սենյակներից մեկն ու դիտեցի ապակեպատ պատուհանում շարված շշերի պիտակները։ Հետո դուրս եկա և կանգնեցի դատարկ միջանցքում և սկսեցի նայել վիրահատարանի դռանը։
 +
 +
Դուրս եկավ երկրորդ բժիշկը և մի հիավանդապահուհի։ Բժիշկը երկու ձեռքով բռնել էր հենց նոր մաշկած նապաստակի պես ինչ֊որ բան և, շտապ անցնելով միջանցքից, մտավ մի ուրիշ սենյակ։ Մոտեցա այդ սենյակի դռանը ու տեսա, որ նրանք ինչ֊որ բան էին անում նորածնին։ Բժիշկը բարձրացրեց նրան ու ցույց տվեց ինձ։ Ծնկներից բռնեց ու շրմփացրեց։
 +
 +
― Ամեն ինչ կարգի՞ն է։
 +
 +
― Հրաշալի մանչուկ է։ Հինգ կիլոգրամ կլինի։
 +
 +
Ոչ մի զգացում չարթնացավ իմ մեջ։ Կարծես նա կապ չուներ ինձ հետ։ Հայրական զգացում չկար մեջս։
 +
 +
― Հպարտ չե՞ք ձեր զավակով, ― հարցրեց հիվանդապահուհին։
 +
 +
Նրանք լվացին փոքրիկին  ու ինչ֊որ բանի մեջ փաթաթեցին։ Տեսա նրա փոքրիկ թուխ դեմքը և թուխ թաթիկները, բայց ոչ մի շարժում չնկատեցի ու լացի ձայն չլսեցի։ Բժիշկը նորից սկսեց ինչ֊որ բան անել նրան։ Նա մտահոգ տեսք ուներ։
 +
 +
― Ոչ, ― ասացի ես։ ― Քիչ էր մնում, որ նա սպաներ մորը։
 +
 +
― Խեղճ մանչուկն ի՞նչ մեղք ունի։ Մի՞թե դուք տղա չէիք ուզում։
 +
 +
― Ոչ, ― ասացի ես։
 +
 +
Բժիշկն զբաղված էր նորածինով։ Բռնեց ոտքերից ու շրմփացրեց։ Էլ չմնացի նայելու։ Դուրս եկա միջանցք։ Հիմա կարող էի մտնել ու նայել։ Մտա սրահի դռնից ու մի քանի աստիճան իջա։ Արգելապատի մոտ նստած հիվանդապահուհիները նշան արեցին, որ մոտենամ։ Ես բացասաբար շարժեցի գլուխս։ Այստեղից ամեն ինչ երևում էր։
 +
 +
Կարծեցի, թե Կետրինը մեռած է։ Նա մեռած էր թվում։ Նրա դեմքը, դեմքի այն մասը, որ ես տեսա, մոխրագույն էր։ Ներքևում, լամպի լույսի տակ, բժիշկը կարում էր լայն, երկար, հաստ եզրերը պինցետներով անջատված վերքը։ Դիմակ հագած մյուս բժիշկը եթեր էր տալիս նրան։ Դիմակ հագած երկու հիվանդապահուհի գործիքներ էին մեկնում բժշկին։ Կարծես ինկվիզիցիայի պատկեր լիներ։ Գիտեի, որ կարող էի հիմա այնտեղ լինել ու ամեն ինչ տեսնել, բայց ուրախ էի, որ չեմ տեսնում։ Երևի չէի կարողանա նայել, թե ինչպես են ճեղքում, բայց հիմա նայում էի, թե ինչպես էին վերքի ծայրերը՝ կարծես հնակարկատի ասեղի արագ ու հմուտ շարժումների տակ՝ միակցվում լայն ու ցցված եզրակապերով, ու ես ուրախ էի։ Երբ վերքի ծայրերը վերջնականապես միակցվեցին, դուրս եկա միջանցք ու նորից սկսեցի ետ ու առաջ քայլել։ Քիչ անց դուրս եկավ նաև բժիշկը։
 +
 +
― Ինչպե՞ս է։
 +
 +
― Ոչինչ։ Նայո՞ւմ էիր։
 +
 +
Նա հոգնած տեսք ուներ։
 +
 +
― Տեսա, թե ինչպես էիք կարում։ Ինձ թվաց, թե ճեղքը շատ մեծ է։
 +
 +
― Կարծո՞ւմ եք։
 +
 +
― Այո։ Սպին կհարթվի՞ հետո։
 +
 +
― Իհարկե։
 +
 +
Քիչ անց դուրս հանեցին անվավոր պատգարակը և արագ֊արագ տարան դեպի վերելակը։ Ես քայլում էի պատգարակի կողքից։ Կետրինը տնքում էր։ Իջեցրին ներքևի հարկը, սենյակ մտցրին ու դրին անկողին։ Ես նստեցի մահճակալի ոտքերի մոտ դրված աթոռին։ Հիվանդապահուհին արդեն այնտեղ էր։ Վեր կացա ու կանգնեցի մահճակալի մոտ։ Սենյակում մութ էր։ Կետրինը մեկնեց ձեռքը։
 +
 +
― Դո՞ւ ես, սիրելիս, ― ասաց նա։ Ձայնը շատ թույլ էր ու հոգնած։ ― Ես եմ, իմ քաղցր աղջիկ։
 +
 +
― Ի՞նչ տեսակ երեխա է։
 +
 +
― Ս֊ս֊ս, մի խոսեք, ― ասաց հիվանդապահուհին։
 +
 +
― Տղա է։ Բարձրահասակ, թմբլիկ և թուխ։
 +
 +
― Ամեն ինչ կարգի՞ն է։
 +
 +
― Այո, ― ասացի ես։ ― Հրաշալի տղա է։
 +
 +
Նկատեցի, որ հիվանդապահուհին մի տեսակ տարօրինակ նայեց ինձ։
 +
 +
― Սարսափելի հոգնած եմ, ― ասաց Կետրինը։ ― Չորս կողմս վիրավորված է։ Իսկ դու լա՞վ ես, սիրելիս։
 +
 +
― Շատ լավ եմ։ Մի խոսիր։
 +
 +
― Դու այնքան բարի ես։ Օ, սիրելիս, չորս կողմս ցավում է։ Իսկ ո՞ւմ է նման։
 +
 +
― Ծերունական կնճռոտ դեմքով մաշված նապաստակի։
 +
 +
― Դուրս եկեք, ― ասաց հիվանդապահուհին, ― Madame Հենրին չպետք է խոսի։
 +
 +
― Հիմա ասացի ես։
 +
 +
― Գնա մի բան կեր։
 +
 +
― Ոչ, միջանցքում կսպասեմ։ ― Համբուրեցի Կետրինին։
 +
 +
Նա շատ մոխրագույն էր, և թույլ, և հոգնած։
 +
 +
― Կարելի՞ է մի րոպե, ― ասացի հիվանդապահուհուն։
 +
 +
― Նա ինձ հետ միջանց ելավ։ Մի փոքր հեռացա դռնից։
 +
 +
― Ի՞նչ է պատահել երեխային, ― հարցրի ես։
 +
 +
― Չգիտե՞ք։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Նա կենդանի չէր։
 +
 +
― Մեռա՞ծ էր։
 +
 +
― Չկարողացան ստիպել, որ շնչի։ Պորտալարը փաթաթվել էր վզին։
 +
 +
― Ուրեմն, նա մեռած է։
 +
 +
― Այո։ Շատ ափսոս։ Այնքան մեծ, լավ տղա էր։ Կարծում էի, գիտեք։
 +
 +
― Ոչ, ― ասացի ես։ ― Ավելի լավ է Madame֊ի մոտ վերադարձեք։
 +
 +
Նստեցի սեղանի առջև, որի ծայրին դրված էին հիվանդապահուհիների՝ եզրահատին ամրացված հաշվետվությունները, ու նայում էի պատուհանին։ Ոչինչ չէի տեսնում բացի խավարից ու անձրևից, որը հատում էր պատուհանի լուսավոր շերտը։ Այ թե բանն ինչումն էր։ Երեխան մեռած էր։ Ահա թե ինչու բժիշկն այդքան հոգնած տեսք ուներ։ Բայց ինչո՞ւ էին սենյակում այդքան չարչարվում։ Երևի հույս ունեին, որ կսկսի շնչել ու կենդանանալ։ Ես հավատացյալ չեմ, բայց ուզում էի կնքել նրան։ Բայց չէ՞ որ նա ոչ մի անգամ չի շնչել։ Երբեք կենդանի չի եղել։ Միայն՝ Կետրինի մեջ։ Հաճախ եմ զգացել, թե ինչպես էր շարժվում։ Բայց վերջին շաբաթը՝ ոչ։ Գուցե արդեն խեղդված էր։ Խեղճ մանչուկ։ Երանի ես էլ այդպես խեղդված լինեի։ Ինչո՞ւ երանի։ Գոնե այսքան մահ չէի տեսնի։ Հիմա էլ Կետրինն է մեռնում։ Ահա թե ինչն է վախճանը։ Մահը։ Նույնիսկ չգիտես, թե ինչի համար։ Ժամանակ չես գտնում իմանալու։ Քեզ պարզապես կյանք են շպրտում և օրենքներ սովորեցնում ու հենց առաջին անգամ կտրում են հողից, սպանում են։ Կամ սպանում են հենց այնպես, ինչպես Այմոյին։ Կամ սիֆիլիսով են վարակում, ինչպես Ռինալդիին։ Բայց վերջ ի վերջո սպանում են։ Կարող ես վստահ լինել։ Նստիր ու սպասիր, և քեզ կսպանեն։
 +
 +
Մի անգամ անտառի բացատում խարույկի մեջ կոճղ գցեցի, որի վրա լիքը մրջյուններ կային։ Երբ կոճղն սկսեց վառվել, մրջյունները դուրս թափվեցին ու շարժվեցին դեպի կենտրոն, այսինքն, կրակի կողմը, հետո շուռ եկան ու վազեցին դեպի ծայրը։ Երբ ծայրին բավական շատ մրջյուն հավաքվեց, նրանք սկսեցին կրակի վրա ընկնել։ Մի քանիսը դուրս պրծան և, վառված ու տափակած, այս ու այն կողմ ցրվեցին, իրենք էլ չիմանալով, թե ուր։ Բայց մեծ մասը մոտենում էր կրակին, հետո նորից վերադառնում ու կուտակվում կոճղի զով ծայրին ու ի վերջո ընկնում կրակի բերանը։ Հիշում եմ, այն ժամանակ մտածեցի, որ աշխարհի վերջն է սա և առաքելություն ստանձնելու մի հիասքանչ առիթ․ կոճղը հանել խարույկի միջից և դեն շպրտել, որպեսզի մրջյունները կարողանան գետին իջնել։ Բայց ոչինչ չարեցի, միայն անագե բաժակի ջուրը թափեցի կոճղի վրա, որովհետև հարկավոր էր այն պարպել, վիսկի լցնել և նոր միայն խառնել ջրով։ Ինձ թվում է, որ այրվող կոճղի վրա թափված ջուրը խաշեց մրջյուններին։
 +
 +
Միջանցքում նստած լուրի էի սպասում Կետրինից։ Հիվանդապահուհին չէր գալիս, և քիչ անց մոտեցա դռանը, կամացուկ բաց արի ու ներս նայեցի։ Սկզբում ոչինչ չկարողացա տեսնել, որովհետև միջանցքում պայծառ լույս էր վառվում, իսկ սենյակում մութ էր։ Հետո տեսա մահճակալի մոտ նստած հիվանդապահուհուն, Կետրինի գլուխը բարձի վրա և սավանով ծածկված նրա տափակ մարմինը։ Հիվանդապահուհին ձեռքը տարավ շրթունքներին, հետո վեր կացավ ու մոտեցավ դռանը։
 +
 +
― Ինչպե՞ս է, ― հարցրի ես։
 +
 +
― Լավ է, ― ասաց հիվանդապահուհին։ ― Գնացեք ընթրեք, իսկ հետո, եթե ուզում եք, կարող եք վերադառնալ։
 +
 +
Անցա միջանցքը, իջա աստիճաններով, դուրս եկա հիվանդանոցի դռնից և մութ փողոցով, անձրևի տակ, գնացի սրճարան։ Սրճարանում պայծառ լուսավորություն կար և բոլոր սեղանների շուրջ մարդիկ էին նստած։ Տեղ չգտա։ Մատուցողը մոտեցավ ինձ, վերցրեց թաց վերարկուս և գլխարկս ու ցույց տվեց մի սեղան, որի մոտ նստած ծերունին գարեջուր էր խմում ու երեկոյան թերթ կարդում։ Նստեցի մյուս ազատ աթոռին և հարցրի մատուցողին, թե ինչ plat du jour<ref>Մշտական կերակուր (ֆր․)։</ref> կար։
 +
 +
― Խաշած հորթի միս, բայց վերջացել է։
 +
 +
― Իսկ ի՞նչ կարող եմ ուտել։
 +
 +
― Խոզապուխտով ձվածեղ, պանիրով օմլեթ կամ choucroute:
 +
 +
― Կեսօրին choucroute կերա, ― ասացի ես։
 +
 +
― Ճիշտ է, ― ասաց նա։ ― Ճիշտ է։ Կեսօրին choucroute կերաք։
 +
 +
Մատուցողը միջին տարիքի մարդ էր, և հատուկենտ մազերով փորձել էր ծածկել ճաղատը։ Բարի դեմք ուներ։
 +
 +
― Ի՞նչ եք ուզում, Ձվածե՞ղ, թե օմլեթ։
 +
 +
― Խոզապուխտով ձվածեղ, ― ասացի ես, ― և գարեջուր։
 +
 +
― Demi-blinde?
 +
 +
― Այո։
 +
 +
― Հիշում եմ, ― ասաց նա։ Կեսօրին էլ demi-blinde ուզեցիք։
 +
 +
Կերա խոզապուխտով ձվածեղը և խմեցի գարեջուրը։ Խոզապուխտով ձվածեղը դրված էր կլոր պնակի մեջ, խոզապուխտը տակն էր, իսկ ձուն՝ վրան։ Շատ տաք էր, ու առաջին պատառը ստիպված եղա գարեջրով հովացնել։ Քաղցած էի և նորից մի պնակ պատվիրեցի։ Մի քանի գավաթ գարեջուր խմեցի։ Ոչինչ չէի մտածում, կարդում էի ծերուկի բռնած թերթը։ Ռազմաճակատի անգլիական գիծը ճեղքված էր։ Երբ հարևանը նկատեց, որ կարդում եմ նրա բռնած թերթը, ծալեց այն ու դրեց սեղանին։ Ուզում էի մատուցողից թերթ խնդրել, բայց չէի կարողանում կենտրոնանալ։ Սրճարանում շոգ էր ու տոթ։ Սեղանների մոտ նստածները մեծ մասամբ ճանաչում էին իրար։ Մի քանիսը թուղթ էին խաղում։ Մատուցողները վաճառասեղանից անընդհատ խմիչք էին բերում ու դնում սեղաններին։ Երկու հոգի մտան ու ազատ աթոռ չգտան։ Կանգնեցին մեր սեղանի դիմաց։ Ես էլի գարեջուր պատվիրեցի։ Դեռ պատրաստ չէի գնալու։ Դեռ շատ շուտ էր հիվանդանոց վերադառնալու համար։ Փորձում էի ոչինչ չմտածել ու շատ հանգիստ լինել։ Տղամարդիկ կանգնեցին մի քիչ, բայց ոչ ոք վեր չէր կենում, և նրանք գնացին։ Ես էլի գարեջուր խմեցի։ Իմ առջև պնակների մի մեծ կույտ էր գոյացել։ Հարևանս հանեց ակնոցը, դրեց պատյանի մեջ, ծալեց թերթը ու խոթեց գրպանը և հիմա, լիկյորի բաժակը ձեռքին, շուրջն էր նայում։ Հանկարծ զգացի, որ պետք է գնամ։ Կանչեցի մատուցողին, վճարեցի, հագա վերարկուս, դրեցի գլխարկս ու դուրս եկա փողոց։ Անձրևի տակ վերադարձա հիվանդանոց։
 +
 +
Վերևի հարկի միջանցքում հիվանդապահուհին ընդառաջ եկավ ինձ։
 +
 +
― Հենց նոր հյուրանոց զանգահարեցի, ― ասաց նա։
 +
 +
Ինչ֊որ բան կտրվեց իմ մեջ։
 +
 +
― Ի՞նչ է պատահել։
 +
 +
― Միսսիս Հենրին արյունահոսություն ունեցավ։
 +
 +
― Կարո՞ղ եմ մտնել։
 +
 +
― Ոչ, դեռ ոչ։ Բժիշկն այնտեղ է։
 +
 +
― Վտանգավո՞ր է։
 +
 +
― Շատ վտանգավոր է։
 +
 +
Հիվանդապահուհին սենյակ մտավ ու փակեց դուռը։ Նստեցի միջանցքում, դռան մոտ։ Դատարկություն էի զգում։ Չէի մտածում։ Չէի կարող մտածել։ Գիտեի, որ նա մեռնում է և աղոթում էի, որ չմեռնի։ Մի թող, որ մեռնի։ Օ, աստված, աղաչում եմ, մի թող, որ մեռնի։ Ես քեզ համար պատրաստ եմ ամեն ինչ անել, միայն թե մի թող, որ մեռնի։ Աղաչում եմ, աղաչում, աղաչում, սիրելի աստված, մի՛ թող, որ մեռնի։ Սիրելի աստված, մի՛ թող, որ մեռնի։ Աղաչում եմ, աղաչում եմ, աղաչում եմ, մի՛ թող, որ մեռնի։ Աղաչում եմ, աստված, այնպես արա, որ չմեռնի։ Ես պատրաստ եմ քեզ համար ամեն ինչ անել, միայն մի թող, որ մեռնի։ Աղաչում եմ, աստված, այնպես արա, որ չմեռնի։ Ես պատրաստ եմ քեզ համար ամեն ինչ անել, միայն մի թող, որ մեռնի։ Դու վերցրիր մեր երեխային, բայց մի թող, որ նա մեռնի․․․ Ոչինչ, որ վերցրիր, բայց մի թող, որ նա մեռնի։ Աղաչում եմ, աղաչում եմ, սիրելի աստված, մի թող, որ մեռնի։
 +
 +
Հիվանդապահուհին բացեց դուռը և նշան արեց, որ ներս մտնեմ։ Մտա ու հետևեցի նրան։ Կետրինը չնայեց ինձ։ Մոտեցա մահճակալին։ Մահճակալի մյուս կողմում կանգնած էր բժիշկը։ Կետրինը նայեց ինձ ու ժպտաց։ Ես կռացա մահճակալի վրա ու լաց եղա։
 +
 +
― Խեղճ տղա, ― մեղմ ձայնով ասաց Կետրինը։ Դեմքը մոխրագույն էր։
 +
 +
― Ամեն ինչ լավ է, Կետ, ― ասացի ես։ ― Շուտով ամեն ինչ լավ կլինի։
 +
 +
― Մեռնում եմ, ― ասաց նա։ Մի փոքր լռեց ու ասաց, ― ատում եմ մահը։
 +
 +
Բռնեցի նրա ձեռքը։
 +
 +
― Ձեռք մի տուր, ― ասաց նա։ Թողեցի։ Նա ժպտաց։ ― Խեղճ տղա։ Ինչքան ուզում ես ձեռք տուր։
 +
 +
― Կլավանաս, Կետ։ Գիտեմ, որ կլավանաս։
 +
 +
― Մտածում էի նամակ թողնել քեզ, եթե որևէ բան պատահի, բայց չգրեցի։
 +
 +
― Ուզո՞ւմ ես քահանա կանչեմ, կամ որևէ մեկին։
 +
 +
― Միայն դու, ― ասաց նա։ Ապա, քիչ անց՝ ― չեմ վախենում։ Միայն թե ատում եմ։
 +
 +
― Չի կարելի այդքան խոսել, ― ասաց բժիշկը։
 +
 +
― Լավ, ― ասաց Կետրինը։
 +
 +
― Որևէ բան ուզո՞ւմ ես, Կետ։ Ի՞նչ ես ուզում, ասա։
 +
 +
Կետրինը ժպտաց։
 +
 +
― Ոչինչ։ ― Հետո, քիչ անց՝ ― դու ուրիշ աղջիկների հետ այնպես չես լինի, ինչպես ինձ հետ էիր։ Նույն խոսքերը չես ասի։ Չէ՞։
 +
 +
― Երբեք։
 +
 +
― Բայց ուզում եմ, որ աղջիկների հետ լինես։
 +
 +
― Ոչ ոքի չեմ ուզում։
 +
 +
― Շատ եք խոսում, ― ասաց բժիշկը։ ― Չի կարելի այդքան խոսել։ Միստր Հենրին պետք է դուրս գա։ Հետո կարող է նորից գալ։ Դուք չեք մեռնի։ Հիմար բաներ մի ասեք։
 +
 +
― Լավ, ― ասաց Կետրինը։ ― Գիշերները կգամ, քեզ մոտ կմնամ, ― ասաց նա։ Մեծ դժվարությամբ էր խոսում։
 +
 +
― Խնդրում եմ, դուրս եկեք, ― ասաց բժիշկը։
 +
 +
Կետրինն աչքով արեց ինձ։ Դեմքը՝ մոխրագույն։
 +
 +
― Միջանցքում եմ, ― ասացի ես։
 +
 +
― Մի վշտանա, սիրելիս, ― ասաց Կետրինը։ ― Բնավ չեմ վախենում։ Սա կեղտոտ կատակ է։
 +
 +
― Իմ սիրելի, իմ քաջ, իմ քաղցր աղջիկ․․․
 +
 +
Սպասում էի միջանցքում։ Երկար սպասեցի։ Հիվանդապահուհին դուրս եկավ սենյակից ու մոտեցավ ինձ։
 +
 +
― Միսսիս Հենրիի վիճակը շատ վատ է, ― ասաց նա։ ― Շատ եմ վախենում։
 +
 +
― Մեռա՞վ։
 +
 +
― Ոչ։ Բայց ուշագնաց է։
 +
 +
Ըստ երևույթին, անընդհատ արյունահոսություն էր ունեցել։ Անհնար էր եղել արյունը կանգեցնել։ Սենյակ մտա ու կանգնեցի Կետրինի մոտ, մինչև որ նա մեռավ։ Նա այդպես ուշագնաց էլ մնաց ու շուտով մեռավ։
 +
 +
 +
Միջանցքում խոսում էի բժշկի հետ։
 +
 +
― Էլ ի՞նչ պետք է անել այսօր։
 +
 +
― Ոչ մի բան։ Ոչինչ պետք չէ։ Գուցե մինչև հյուրանոց ուղեկցեմ ձեզ։
 +
 +
― Ոչ, շնորհակալություն։ Ես մի քիչ էլ կմնամ այստեղ։
 +
 +
― Գիտեմ, որ ասելու բան չկա։ Չեմ կարող արտահայտել․․․
 +
 +
― Այո, ― պատասխանեցի ես։ ― Ասելու բան չկա։
 +
 +
― Բարի գիշեր, ― ասաց նա։ ― Գուցե այնուամենայնիվ ուղեկցեմ ձեզ։
 +
 +
― Ոչ, շնորհակալություն։
 +
 +
― Ոչինչ հնարավոր չէր անել, ― ասաց նա։ Վիրհատությունն ապացուցեց․․․
 +
 +
― Չեմ ուզում այդ մասին խոսել, ― ասացի ես։
 +
 +
― Կուզենայի մինչև հյուրանոց ուղեկցել ձեզ։
 +
 +
― Ոչ, շնորհակալություն։
 +
 +
Հեռացավ ու անհետացավ միջանցքի ծայրին։ Ես մոտեցա սենյակի դռանը։
 +
 +
― Հիմա չի կարելի, ― ասաց հիվանդապահուհիներից մեկը։
 +
 +
― Կարելի է։
 +
 +
― Ոչ, հիմա չի կարելի։
 +
 +
― Հեռացեք, ― ասացի ես։ ― Թող մյուսն էլ հեռանա։
 +
 +
Բայց երբ նրանք հեռացան, ու ես փակեցի դուռը, ու վառեցի լույսը, զգացի, որ ամեն ինչ անօգուտ է։ Կարծես արձանի էի հրաժեշտ տալիս։ Քիչ անց դուրս եկա, իջա աստիճաններով ու, անձրևի տակ, քայլեցի դեպի հյուրանոց։
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
  
<references />
 
<references />

Ընթացիկ տարբերակը 14:32, 11 Մայիսի 2019-ի դրությամբ

Հրաժեշտ զենքին

հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
թարգմանիչ՝ Պերճ Զեյթունցյան (անգլերենից)
աղբյուր՝ «Հրաժեշտ զենքին»

Գիրք առաջին

Գլուխ 1

Այն տարվա ուշ ամռանը մենք ապրում էինք գյուղական մի խրճիթում, որտեղից երևում էին գետը և դեպի լեռներ ձգվող հարթավայրը։ Գետի հունը ծածկված էր խճերով ու գլաքարերով, որոնք արևի տակ սպիտակ էին ու չոր, իսկ վտակներում ջուրը պարզ էր, արագահոս և կապտավուն։ Զորքերն անցնում էին մեր տան մոտով, և փոշին, որ բարձրացնում էին նրանք, նստում էր ծառերի տերևներին։ Ծառաբները ևս փոշոտ էին, տերևներն էլ այն տարի ժամանակից շուտ թափվեցին, ու մենք տեսնում էինք, թե ինչպես զինվորները քայլում էին ճանապարհով, փոշի էր բարձրանում, թափվում էին քամուց հափշտակված տերևները, քայլում էին զինվորները, իսկ հետո՝ ամառային սպիտակ մի ճանապարհ, որտեղ միայն տերևներ էին մնացել։

Հարթավայրը պտղաբեր էր և մրգատու այգիներով հարուստ, իսկ հանդիպակաց լեռները սրճագույն էին ու լերկ։ Լեռներում կռիվ էր ու գիշերները կարելի էր տեսնել հրետանու բռնկումները։ Խավարի մեջ դրանք նման էին ամառային փայլակների, բայց գիշերները զով էին և չէր զգացվում մոտալուտ ամպրոպը։

Մթության մեջ երբեմն լսում էինք, թե ինչպես զինվորներն անցնում էին պատուհանի տակով, և տրակտորները քարշ էին տալիս հրանոթները։ Երթևեկությունը գիշերներն ուժեղանում էր, անցնում էին մեծ թվով ջորիներ, որոնց բեռնաթամբերի յուրաքանչյուր կողմից կախված էր ռազմամթերքի մեկական արկղ, անցնում էին մարդկանցով լցված մոխրագույն բեռնատար մեքենաներ, ինչպես նաև ուրիշ բեռնատարներ, որոնք բրեզենտով ծածկված զինապարեն էին տանում և ավելի դանդաղ էին շարժվում, քան մյուսները։ Ցերեկը ևս տրակտորներ էին անցնում և քարշ տալիս հրանոթները, հրանոթների երկար փողերը ծածկված էին կանաչ ճյուղերով, իսկ քարշակների վրա թափված էին խիտ տերևներով կանաչ ճյուղեր և խաղողի թփեր։ Հյուսիսում մի ձոր կար, ձորից այն և կողմ՝ շագանակենիների անտառ, իսկ ավելի հեռու, գետի այս ափին, մի ուրիշ լեռ։ Այդ լեռան համար էլ էին կռվում, բայց ապարդյուն, ու երբ աշնանն սկսեցին անձրևներ տեղալ, շագանակենիների բոլոր տերևները թափվեցին, ճյուղերը մերկացան և ծառաբները սևացան անձրևից։ Խաղողի այգիները ևս դալկացան ու մերկացան, և շուրջն ամեն ինչ թաց էր, գորշ ու աշնան պես մեռած։ Գետի վրա մառախուղ էր իջել, և լեռը ծածկվել էր ամպերով, բեռնատարները ցեխ էին շպրտում չորս կողմը, թիկնոց հագած զինվորները թրջվել էին ու ցեխոտվել։ Նրանց զենքերը թաց էին, և գոտիներից կախած կաշվե երկու փամփշտակալները, վեց ու կես միլիմետրանոց բարակ ու երկարավուն փամփուշտների պահունակներից ծանրացած մոխրագույն կաշվե երկու տուփերը, թիկնոցների տակից այնպես էին ցցվել, որ թվում էր, թե ճանապարհով անցնող այս մարդիկ արդեն վեցերորդ ամիսն է, ինչ հղի են։

Մեծ արագությամբ սլանում էին մոխրագույն փոքրիկ մարդատար մեքենաներ։ Վարորդի կողքին սովորաբար նստած էր լինում մի սպա, իսկ հետևում՝ ևս մի քանի սպաներ։ Այդ մեքենաներն ավելի շատ էին ցեխ շպրտում, քան նույնիսկ բեռնատարները, ու եթե սպաներից մեկը շատ փոքրամարմին էր ու նստած էր երկու գեներալների միջև, այնքան փոքրամարմին, որ դեմքը չէր երևում, այլ միայն՝ գլխարկի ծայրը և նեղ ուսերը, ու եթե մեքենան հատկապես արագ էր գնում, ուրեմն դա թագավորն էր։ Նա ապրում էր Ուդինում ու գրեթե ամեն օր անցնում էր այս ճանապարհով, որպեսզի տեսնի, թե ինչպես են գործերը։ Իսկ գործերը շատ վատ էին։

Ձմռան հենց առաջին օրերից սկսեց անդադար անձրև տեղալ, իսկ անձրևի հետ միասին սկսվեց խոլերան։ Բայց այն շուտ կանխեցին, և բանակում ընդամենը յոթ հազար զինվոր մեռավ համաճարակից։

Գլուխ 2

Հաջորդ տարի շատ հաղթանակներ եղան։ Գրավեցինք ձորից այն կողմ գտնվող լեռն ու սարալանջը, որտեղ շագանակենիների անտառն էր աճում, հաղթանակներ եղան նաև հարթավայրից դեպի հարավ ընկած բարձրավանդակում․ օգոստոսին անցանք գետը ու բնակվեցինք Գորիցիայի տներից մեկում, որի պատերը պաստառված էին ծիրանագույն վիստարիայով, իսկ պարսպապատ պարտեզում շատրվան կար և մեծ թվով հաստաբուն ու ստվերախիտ ծառեր։ Հիմա կռիվը գնում էր մոտակա լեռներում, մեզնից հազիվ մի մղոն հեռու։ Փառավոր էր քաղաքը, և մեր տունն էլ շատ գեղեցիկ։ Քաղաքին հեշտությամբ տիրացանք, բայց մերձակա լեռները ոչ մի կերպ չէինք կարողանում գրավել, և ես շատ ուրախ էի, որ ավստրիացիները, ըստ երևույթին պատերազմից հետո ուզում էին քաղաք վերադառնալ, որովհետև, ռմբակոծում էին ոչ թե այն ավերելու նպատակով, այլ հենց այնպես, հավուր պատշաճի։ Բնակչությունը շարունակում էր մնալ քաղաքում, որտեղ կային հոսպիտալներ ու սրճարաններ, փողոցների ծայրին՝ թնդանոթներ, ինչպես նաև երկու հասարակաց տուն, մեկը՝ զինվորների համար, մյուսը՝ սպաների։ Ու երբ ամառը վերջացավ, զով գիշերները, կռիվը մոտիկ լեռներում, ռումբերի հետքեր կրող կամրջի երկաթը, գետափին, երբեմնի կռվի վայրում քարուքանդ եղած թունելը, հրապարակի շրջակա ծառերը և դեպի հրապարակ տանող երկար ծառուղին,— այս ամենը, ինչպես նաև այն, որ քաղաքում աղջիկներ կային, որ թագավորն էր անցնում իր մեքենայով և հիմա արդեն կարելի էր երբեմն տեսնել նրա դեմքը, երկար վիզը, փոքր մարմինը և մոխրագույն այծամորուքը, այս ամենը, ինչպես նաև քանդված պատի միջից տների՝ հանկարծ բացվող ամբողջ ներքինը, պարտեզներում, երբեմն նաև փողոցներում թափված ծեփն ու խիճը և այն, որ Կարսոյում գործերը բարեհաջող էին, այս ամենը շատ էին տարբերում այս աշունն անցյալ աշնանից, երբ մենք ապրում էինք գյուղում։ Պատերազմն էլ էր մի տեսակ փոխվել։

Քաղաքից դուրս, լեռան վրա, ոչնչացված մի անտառ կար։ Ամռանը, երբ մենք քաղաք մտանք, անտառը դեռ կանաչ էր, բայց հիմա այնտեղ միայն կոճղեր ու ջարդված ծառաբներ էին մնացել, իսկ հողը տակնուվրա էր արված։ Մի անգամ, աշնան վերջին, երբ քաղաքից դուրս էի եկել ու կանգնել նախկին այս անտառում, սարի ուղղությամբ շարժվող մի ամպ երևաց։ Եվ ամպը շատ արագ էր մոտենում, և արևը դարձավ աղոտ դեղնավուն, և հետո ամեն ինչ փոխվեց մոխրագույնի, և երկինքը ծածկվեց, և ամպը իջավ լեռան վրա ու հանկարծ պատեց մեզ, և դա ձյուն էր։ Ձյունը շեղակի էր գալիս քամու հետ, մերկ հողը ծածկվեց, ծառերի կոճղերը դուրս ցցվեցին, թնդանոթների վրա ձյուն նստեց, իսկ ձյան մեջ բացված ոտնահետքերը տանում էին դեպի խրամատներից այն կողմ ընկած արտաքնոցները։

Ավելի ուշ, քաղաք վերադառնալուց հետո, ընկերոջս հետ նստել էինք սպայական հասարակաց տանը և մի շիշ ասթի էինք խմում։ Ձյուն էր գալիս, և պատուհանից նայելով ծանր ու դանդաղ իջնող ձյանը, մենք հասկացանք, որ հենց դրանով էլ վերջանում էր տարին։ Գետի վերին մասերում գտնվող լեռները դեռ չէին գրավված։ Հանդիպակաց լեռներից և ոչ մեկը նույնպես չէր գրավված։ Ամեն ինչ մնացել էր հաջորդ տարվան։ Ընկերս նկատեց փողոցից անցնող մեր գնդի քահանային, որն զգուշորեն քայլում էր ցեխերի միջով, և թակեց պատուհանը, որպեսզի գրավի նրա ուշադրությունը։ Քահանան բարձրացրեց գլուխը։ Նա տեսավ մեզ և ժպտաց։ Ընկերս նշան արեց, որ ներս գա։ Քահանան բացասաբար շարժեց գլուխը և շարունակեց ճամփան։ Այդ գիշեր ճաշարանում սովորականի պես սպագետտի էինք ուտում, ուտում էինք շատ արագ և շատ լուրջ, պատառաքաղի վրա այնպես վերցնելով, որ ծայրերը կախվեն օդից և հնարավոր լինի բերանը տանել, կամ պատառաքաղը պնակից հազիվ բարձրացնելով ու անդադար ներս քաշելով, իսկ հետո գինի էինք խմում հյուսկեն տափաշշից, որ ճոճվում էր մետաղե հենակից կախված։ Բավական էր ցուցամատով իջեցնել շշի բերանը, և թունդ, հաճելի, պարզ-կարմիր գինին թափվում էր այդ նույն ձեռքով պահված բաժակի մեջ։ Սպագետտիի այս արարողությունն ավարտելուց հետո կապիտանն սկսեց ձեռ առնել քահանային։

Քահանան երիտասարդ էր և շատ շուտ էր կարմրում։ Նա մեզ նման համազգեստ էր հագել, միայն այն տարբերությամբ, որ մոխրագույն բաճկոնակի ձախ ծոցագրպանի վրա մուգ կարմիր թավշից մի խաչ էր կախել։ Կապիտանը խոսում էր կոտրատված իտալերենով, ավելորդ մի հաճոյակատարություն, որպեսզի կարողանայի ամեն ինչ հասկանալ ու ոչինչ բաց չթողնել։

— Քահանան այսօր աղջիկների հետ,— ասաց կապիտանը, նայելով նրան և ինձ։ Քահանան ժպտաց, կարմրեց ու բացասաբար շարժեց գլուխը։ Կապիտանը հաճախ էր նրա հոգու հետ խաղում։

— Ճիշտ չե՞մ ասում,— հարցրեց կապիտանը։— Այսօր ես տեսնում եմ քահանան աղջիկների հետ։

— Ոչ,— պատասխանեց քահանան։

Մյուս սպաները զվարճանում էին այդ կոպիտ կատակներից։

— Քահանան աղջիկների հետ ոչ,— շարունակեց կապիտանը։— Քահանան աղջիկների հետ երբեք,— բացատրեց նա ինձ։ Ապա, անընդհատ աչքերիս մեջ նայելով, բայց քահանային էլ չկորցնելով տեսադաշտից, նա վերցրեց ու լցրեց իմ բաժակը։

— Քահանան ամեն գիշեր ինքն իր հետ... հինգը մեկի դեմ։— Սեղանի շուրջ նստած սպաները ծիծաղեցին։— Հասկանո՞ւմ եք։ Ինքն իր հետ... հինգը մեկի դեմ։— Նա ձեռքով նման մի շարժում արեց ու բարձրաձայն ծիծաղեց։ Քահանան դա ընդունեց իբրև կատակ։

— Պապն ուզում է, որ ավստրիացիները շահեն պատերազմը,— ասաց մայորը։— Նա սիրում է Ֆրանց Իոսիֆին։ Ա՛յ թե ավստրիացիների փողերը որտեղից են գալիս։ Ես աթեիստ եմ։

— Կարդացե՞լ եք «Սև խոզը»,— հարցրեց լեյտենանտը։— Ես ձեզ համար կճարեմ։ Դա այն գիրքն է, որ խախտեց իմ հավատը։

— Զզվելի և կեղտոտ գիրք է,— ասաց քահանան։— Չի կարող պատահել, որ հավանած լինեք։

— Շատ օգտակար գիրք է,— ասաց լեյտենանտը։— Այնտեղ ամեն ինչ գրված է հոգևորականների մասին։ Ձեզ անպայման դուր կգա։— Ես ժպտացի քահանային, նա ևս ժպտաց մոմի աղոտ լույսի տակ։

— Չկարդաք,— ասաց նա։

— Ես կճարեմ,— ասաց լեյտենանտը։

— Բոլոր մտածող մարդիկ էլ աթեիստ են,— ասաց մայորը։— Ես ոչ էլ մասոնությանն եմ հավատում։

— Ես հավատում եմ մասոնությանը,— ասաց լեյտենանտը։— Ազնիվ կազմակերպություն է։

Ինչ֊որ մեկը ներս մտավ, ու բաց դռան արանքից ես տեսա, թե ինչպես էր գալիս ձյունը։

— Հիմա այլևս հարձակում չի լինի, քանի որ ձյուն է գալիս,— ասացի ես։

— Իհարկե ոչ,— ասաց մայորը։— Լավ կլիներ արձակուրդ վերցնեիք։ Գնայիք Հռոմ, Նեապոլ, Սիցիլիա...

— Թող Ամալֆի գնա,― ասաց լեյտենանտը։— Ես ձեզ մի երկտող կտամ և ծնողներիս հասցեն։ Նրանք ձեզ կսիրեն, ինչպես իրենց հարազատ որդուն։

— Թող Պալերմո գնա։

— Ավելի լավ է Կապրի գնա։

— Շատ կուզենայի, որ Աբրուցի գնայիք և Կապրոկոտայում ծնողներիս տեսնեիք,— ասաց քահանան։

— Նրա ինչին է պետք Աբրուցին։ Այնտեղ ավելի շատ ձյուն կա, քան այստեղ։ Գնա ի՞նչ անի, գյուղացիների՞ն տեսնի։ Թող կուլտուրայի ու քաղաքակրթության կենտրոնները գնա։

— Այնտեղ, որտեղ սիրուն աղջիկներ կան։ Ես Նեապոլի մի քանի հասցեներ կտամ ձեզ։ Հոյակապ, ջահել աղջիկներ են, և այն էլ իրենց մայրիկների թևի տակ։ Հա՛, հա՛, հա՛․․․

Կապիտանը բաց արեց ափը, ցցեց բթամատը, իսկ մյուս մատները չռեց, որպեսզի պատի վրա չինական ստվերներ ցույց տա։ Ձեռքի ստվերն ընկավ պատին։ Նա նորից խոսեց կոտրատված իտալերենով։

— Դուք գնալ այ այսպես,— ցույց ավեց բթամատը։— Իսկ վերադառնալ այ այսպես,— ցույց տվեց ճկույթը։

Բոլորր ծիծաղեցին։

— Նայեցեք,— ասաց կապիտանը։ Նա նորից չռեց մատները։ Մատների ստվերը նորից ընկավ պատին։ Նա սկսեց բթամատից և հերթով տվեց մյուս մատների անունները. Sotto-tenente[1] (բթամատ), tenente[2] (ցուցամատ), capitano[3] (միջնամատ), maggiore[4] (մատնեմատ) և tenente-colonello[5] (ճկույթ)։— Դուք գնում եք որպես sotto-tenente։ Վերադառնում եք որպես tenente-colonello։

Բոլորը ծիծաղեցին։ Կապիտանի չինական ստվերները մեծ հաջողություն ունեցան։ Նա նայեց քահանային ու բղավեց.

— Քահանան ամեն գիշեր հինգը մեկի դեմ։

Նորից ծիծաղեցին բոլորը։

— Դուք պետք է անմիջապես արձակուրդ գնաք,— ասաց մայորը։

— Ափսոս, որ չեմ կարող ձեզ հետ գալ և ամեն ինչ ցույց տալ,— ասաց լեյտենանտը։

— Հետ գալուց գրամոֆոն բերեք։

— Օպերայի լավ ձայնապնակներ էլ բերեք։

— Կարուզո բերեք։

— Պետք չի Կարուզո։ Նա ոռնում է։

— Չէիր ուզենա՞ նրա պես ոռնալ։

— Նա ոռնում է։ Բան եմ ասում, նա ոռնում է։

— Կուզենայի, որ Աբրուցի զնայիք,— ասաց քահանան։ Մյուսներն աղմկում էին։— Այնտեղ լավ որս կա։ Մարդկանց էլ շուտ կհավաքեք, ու թեև ցուրտ է, բայց եղանակը պարզ է ու չոր։ Կարող եք ծնողներիս մոտ մնալ։ Հայրս հայտնի որսորդ է։

— Գնացի՞նք,— ասաց կապիտանը։— Հասարակաց տուն գնանք, քանի չեն փակել։

— Բարի գիշեր,— ասացի ես քահանային։

— Բարի գիշեր,— ասաց նա։

Գլուխ 3

Երբ ռազմաճակատ վերադարձա, մենք դեռ նույն քաղաքում էինք ապրում։ Շրջակայքում հիմա ավելի շատ թնդանոթ կար, և արդեն գարուն էր։ Դաշտերը կանաչ էին, և որթատունկերի վրա փոքրիկ կանաչ ընձյուղներ էին երևում։ Ճամփեզրի ծառերը ծածկվել էին մանր տերևներով, և ծովի կողմից թեթև քամի էր փչում։ Ես տեսա քաղաքը, բլուրը և բլրի խորշում կառուցված հին դղյակը, տեսա նաև լեռները, գորշ լեռները, որոնց լանջերին հազիվ էր կանաչը կպել։ Քաղաքում է՛լ ավելի շատ թնդանոթ կար, մի քանի նոր հոսպիտալներ էին բացվել, փողոցներում կարելի էր հանդիպել անգլիացիների, երբեմն նաև անգլուհիների, ռմբակոծումից վնասվել էին ևս մի քանի տներ։ Տաք էր, իսկական գարուն, ես քայլում էի ծառուղիով և զգում ջերմությունն արևի, որի ճառագայթներն ընկել էին պատի վրա։ Պարզվեց, որ մենք դեռևս մեր հին տանն էինք ապրում, այնտեղ ամեն ինչ նույնն էր մնացել իմ արձակուրդ գնալուց ի վեր։

Դուռը բաց էր, դրսի նստարանին, արևի տակ, մի զինվոր էր նստած, կողքի դռան մոտ սպասում էր շտապ օգնության մեքենան, իսկ ներսում մարմարե հատակի ու հիվանդանոցի հոտ էր գալիս։ Ամեն ինչ նույնն էր, միայն այն տարբերությամբ, որ հիմա գարուն էր։ Ներս նայեցի մեծ սենյակի դռան արանքից ու տեսա գրասեղանի մոտ նստած մայորին, պատուհանը բաց էր, ու արևի լույսը լցվել էր սենյակ։ Նա ինձ չնկատեց, ու ես չգիտեի ինչ անել՝ մտնել զեկուցե՞լ, թե՞ նախ վեր բարձրանալ ու լվացվել։ Որոշեցի բարձրանալ։

Սենյակը, որտեղ ապրում էինք լեյտենանտ Ռինալդին ու ես, նայում էր դեպի բակը։ Պատուհանը բաց էր, մահճակալս ծածկված էր բարակ վերմակով, պատից կախված էին իմ բոլոր իրերը, թիթեղյա տուփով հակագազը և պողպատյա սաղավարտը։ Մահճակալի ոտքերի մոտ դրված էր իմ սնդուկը, իսկ սնդուկի վրա՝ ձմեռային փայլուն կոշիկներս։ Ութանիստ, արջնած փողով և մուգ կաղնեգույն հարմարավետ, գեղեցիկ խզակոթով իմ հրացանը կախված էր երկու մահճակալների միջև։ Հիշեցի, որ նշանառության հեռադիտակը պահված էր սնդուկում։ Լեյտենանտը, Ռինալդին, պառկել էր մյուս մահճակալին ու քնել։ Ոտնաձայներ լսելով, նա արթնացավ ու նստեց անկողնում.

— Ciao[6],— ասաց նա։— Ինչպե՞ս անցկացրինք ժամանակը։

— Հիանալի։

Մենք միմյանց ձեռք սեղմեցինք, հետո նա գրկեց վիզս ու համբուրեց ինձ։

— Օ՜ֆ,— ասացի ես։

— Կեղտոտվել եք,— ասաց նա։— Պետք է լվացվել։ Ո՞ւր էիք գնացել և ինչ արիք։ Ամեն ինչ միանգամից պատմեք։

— Ամեն տեղ էլ եղել եմ։ Միլան, Ֆլորենցիա, Հռոմ, Նեապոլ, Վիլա Սան Ջիովաննի, Մեսսինա, Տաորմինա․․․

— Ոնց որ չվացուցակ լինեք։ Հետաքրքիր արկածներ ունեցե՞լ եք։

— Այո։

— Որտե՞ղ։

— Milano, Firenze, Roma, Napoli...

— Բավական է։ Ճիշտն ասենք, ո՞րն էր ամենալավը։

— Միլանում։

— Որովհետև դա առաջինն էր։ Որտե՞ղ հանդիպեցիք նրան։ Կովայո՞ւմ։ Ո՞ւր գնացիք։ Ի՞նչ էիք զգում։ Ամեն ինչ միանգամից պատմեք։ Մնացի՞ք ամբողջ գիշերը։

— Այո։

— Հետո ինչ։ Հիմա այստեղ էլ հիանալի աղջիկներ կան։ Նոր աղջիկներ են, առաջին անգամ են ռազմաճակատում։

— Ի՜նչ եք ասում...

— Չեք հավատո՞ւմ։ Կեսօրից հետո կգնանք ու ձեր աչքով կտեսնեք։ Քաղաքում էլ հիանալի անգլուհիներ կան։ Հիմա ես սիրահարված եմ միսս Բարկլիին։ Կծանոթացնեմ ձեզ։ Երևի ամուսնանամ միսս Բարկլիի հետ։

— Ես պետք է լվացվեմ ու գնամ զեկուցելու։ Հիմա ոչ ոք չի՞ աշխատում, ինչ է։

— Քանի գնացել եք, բան էլ չի եղել, միայն՝ ցրտահարություն, դեղնախտ, սուսանակ, կանխամտածված անդամախեղություն, թոքերի բորբոքում, կարծր ու փափուկ չարակեղ։ Ամեն շաբաթ որևէ մեկը վիրավորվում էր ժայռի բեկորներից։ Կան նաև մի քանի իսկական վիրավորներ։ Մյուս շաբաթ կռիվը նորից կսկսվի։ Հավանաբար, նորից կսկսվի։ Այդպես են ասում։ Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ կվարվեմ, եթե ամուսնանամ միսս Բարկլիի հետ, պատերազմից հետո, իհարկե։

— Անկասկած,— ասացի ես, տաշտի մեջ լիքը ջուր լցնելով։

— Գիշերն ամեն ինչ կպատմեք ինձ,— ասաց Ռինալդին։— Հիմա ես պետք է նորից քնեմ, որպեսզի միսս Բարկլիի մոտ գնալիս թարմ ու գեղեցիկ երևամ։

Ես հանեցի բաճկոնս ու վերնաշապիկս և լվացվեցի տաշտի սառը ջրով։ Սրբվելու ժամանակ նայում էի մեկ շուրջս, մեկ պատուհանից դուրս, մեկ Ռինալդիին, որ փակ աչքերով պառկել էր մահճակալի վրա։ Նա տարեկից էր ինձ, գեղեցիկ, բնիկ ամալֆիացի։ Նա սիրում էր իր գործը՝ վիրաբուժությունը, և մենք հրաշալի ընկերներ էինք։ Զգալով իմ հայացքը, նա բացեց աչքերը։

— Փող ունե՞ք։

— Այո ։

— Հիսուն լիրա պարտք տվեք ինձ։

Ես չորացրի ձեռքերս և պատից կախված բաճկոնիս ծոցագրպանից հանեցի դրամապանակս։ Ռինալդին վերցրեց թղթադրամը և, առանց անկողնուց բարձրանալու ծալեց, դրեց տաբատի գրպանը։ Նա ժպտաց. «Ես պետք է ունևոր մարդու տպավորություն թողնեմ միսս Բարկլիի վրա։ Դուք իմ լավ, իմ հրաշալի ընկերն եք և իմ ֆինանսական հովանավորը»։

— Գրողի ծոցը գնացեք,— ասացի ես։

Այդ երեկո ճաշարանում ես նստեցի քահանայի մոտ․ նա վշտացած էր, նույնիսկ վիրավորված, որ չէի գնացել Աբրուցի, նա հորը գրել էր իմ մասին, և նրանք պատրաստվել էին ինձ դիմավորելու։ Ես ինքս էլ նույնքան վատ էի զգում դրա համար։ Եվ, իսկապես, այնպես էլ չհասկացա, թե ինչու չգնացի։ Չէ՞ որ ուզում էի գնալ, և հիմա փորձում էի բացատրել, թե ինչպես են հանգամանքները բարդվում իրար վրա, և, ի վերջո, նա հասկացավ, որ ես իրոք ուզում էի գնալ։ Դրանով էլ ամեն ինչ գրեթե կարգի ընկավ։ Ես շատ գինի խմեցի, հետո՝ սուրճ և ստրեգա և, արդեն հարբած, բացատրում էի, թե ինչպես մեզ չի հաջողվում անել այն, ինչ ուզում ենք։ Երբեք չի հաջողվում։

Մենք զրուցում էինք, իսկ մյուսները վիճում էին և աղմկում։ Ես ուզամ էի Աբրուցի գնալ։ Բայց և չգնացի այնպիսի տեղեր, ուր ճանապարհները սառած էին ու երկաթի պես պինդ, ուր պարզ և չոր ցուրտ էր, ձյունը, նույնպես չոր ու փխրուն, ուր ձյան վրա նապաստակի հետքեր կային, իսկ գյուղացիները գլխարկ էին հանում և ձեզ լորդ կոչում և որտեղ լավ որս կար։ Այդպիսի տեղեր չգնացի, գնացի այնտեղ, ուր ծխով լցված սրճարաններ ու գիշերներ կային, և սենյակն այնպես էր պտտվում, որ ստիպված էիր պատին նայել, որպեսզի պտույտը դադարեր. հարբած գիշերներ անկողնում, երբ գիտեիր, որ էլ ոչինչ չկա բացի սրանից, և այնքան տարօրինակ էր առավոտյան արթնանալ ու չիմանալ, թե ով էր կողքիդ պառկածը, և աշխարհը մթության մեջ թվում էր անիրական ու այնքան գրգռիչ, որ պետք էր ամեն ինչ վերսկսել, ոչինչ չիմանալով ու ոչինչ չմտածելով, վստահ, որ սա էր ամենը, ամենը, ամենը ու էլի ոչինչ չմտածել։ Բայց հանկարծ ընկնում էիր խոր մտքերի մեջ և քնում։ Ու առավոտյան արթնանալով, երբեմն զգում էիր, որ այն ամենը, ինչ եղել է, արդեն չկա, ամեն բան դառնում էր և պարզ, և հստակ, և ծանր և երբեմն վեճ էր ծագում վարձի համար։ Երբեմն դեռևս հաճելի էր, քնքուշ և ջերմ, և նախաճաշը, և ճաշը։ Երբեմն էլ հաճելի ոչինչ չէր մնում, և ուրախությամբ քեզ փողոց էիր գցում, բայց հաջորդ օրը նորից նույնն էր, հաջորդ գիշերն էլ էր նույնը։ Ես փորձեցի պատմել գիշերվա մասին և այն մասին, թե ինչ տարբերություն կա գիշերվա ու ցերեկվա միջև, և գիշերը որքան ավելի լավ է, եթե միայն օրը ոչ շատ ցուրտ է և ոչ էլ շատ պարզ։ Բայց չկարողացա պատմել։ Հիմա էլ չեմ կարող։ Եթե այդպիսի բան պատահել է ձեզ, ուրեմն, կհասկանաք ինձ։ Նրան այդպիսի բան չէր պատահել, բայց նա հասկացավ, որ ես իսկապես ուզում էի Աբրուցի գնալ, սակայն չեմ գնացել, ու մենք լավ ընկերներ մնացինք, շատ բանով իրար նման, բայց և շատ բանով տարբեր։ Նա միշտ գիտեր այն, ինչ ես չգիտեի, իսկ երբ իմանում էի, պատրաստ էի անմիջապես մոռանալ։ Բայց այն ժամանակ ես չէի հասկանում այդ, չնայած ավելի ուշ հասկացա։

Մինչ այդ մենք բոլորս դեռ ճաշարանում էինք, ճաշը վերջացել էր, իսկ վեճերը շարունակվում էին։ Մենք դադարեցինք խոսել, և կապիտանը բղավեց.

— Քահանան տխրում է։ Տխրում է առանց աղջիկների։

— Չեմ տխրում,— ասաց քահանան։

— Քահանան տխրում է։ Քահանան ուզում է, որ ավստրիացիները շահեն պատերազմը,— ասաց կապիտանը։ Մյուսները լսում էին։ Քահանան բացասաբար շարժեց գլուխը։

— Ոչ,— ասաց նա։

— Քահանան չի ուզում, որ մենք հարձակվենք։ Դուք չեք ուզում, որ հարձակվենք, այնպես չէ՞։

— Ոչ։ Եթե պատերազմ է, ուրեմն, պետք է հարձակվել։

— Պե՜տք է հարձակվել։ Կհարձակվենք։

Քահանան գլխով արեց։

— Հանգիստ թողեք նրան,— ասաց մայորը։— Նա լավ տղա է։

— Համենայն դեպս, նա ոչինչ չի կարող անել,— ասաց կապիտանը։ Մենք վեր կացանք և հեռացանք սեղանից։

Գլուխ 4

Հարևան պարտեզի մարտկոցն առավոտյան արթնացրեց ինձ, ու, տեսնելով, որ արևի ճառագայթներն արդեն ներս են ընկել պատուհանից, վեր կացա անկողնուց։ Մոտեցա պատուհանին և դուրս նայեցի։ Խճաքարերով ծածկված արահետները խոնավ էին, և խոտը թաց էր ցողից։ Մարտկոցը երկու անգամ կրակեց, և ամեն անգամ օդը ցնցվում էր ինչպես պայթյունի ժամանակ, պատուհանը զնգզնգում էր, և շփշփում էին պիժամայիս փողքերը։ Թնդանոթները չէին երևում, բայց, հավանաբար, կրակում էին ուղիղ մեր վրայով։ Տհաճ էր այդքան մոտ լինել թնդանոթներին, բայց պետք էր մխիթարվել գոնե նրանով, որ նրանք այնքան էլ մեծ չէին։ Նայեցի դեպի պարտեզ ու լսեցի, թե ինչպես մի բեռնատար ճամփա ընկավ։ Հագնվեցի, իջա ներքև, խոհանոցում սուրճ խմեցի ու գնացի գարաժ։ Մեքենաները երկար ծածկի տակ շարված էին կողք-կողքի։ Դրանք ծանր թափքերով, տափակ քթերով, ֆուրգոնանման մոխրագույն սանիտարական մեքենաներ էին։ Բակում մեխանիկներն աշխատում էին մի այդպիսի մեքենայի վրա։ Երեք նման մեքենաներ էլ սարերում էին, վիրակապական կայաններում։

— Մարտկոցի վրա կրակո՞ւմ են,— հարցրի մեխանիկներից մեկին։

— Ոչ, signor tenente։ Բլրակը պաշտպանում է։

— Ինչպե՞ս են գործերը։

— Վատ չեն։ Այս մեքենան բանի պետք չէ, բայց մյուսները կարգին աշխատում են։— Նա թողեց գործը ու ժպտաց։— Արձակո՞ւրդ էիք գնացել։

— Այո։

Նա ձեռքերը քսեց ջեմպերին ու քմծիծաղեց.

— Լավ ժամանակ անցկացրի՞ք։

Մյուսները ևս քմծիծաղեցին։

— Լավ էր, ի՞նչ է պատահել այս մեքենային։

— Բանի պետք չի։ Մեկ էս, մեկ էն․․․

— Իսկ հիմա՞ ինչ է պատահել։

— Մխոցների նոր օղակներ են պետք։

Ես թողեցի նրանց ու հեռացա։ Մեքենան ամոթալի տեսք ուներ, կարծես թալանված լիներ. շարժիչը բաց էր, և մասերը սփռված էին նստարանի վրա։ Ես մտա ծածկի տակ ու մեկ առ մեկ զննեցի մեքենաները։ Դրանք համեմատաբար մաքուր էին, մի քանիսը՝ հենց նոր լվացված, իսկ մյուսները՝ փոշոտ։ Ուշադիր նայում էի դողերին, փնտրելով ծակված տեղեր կամ այլ վնասվածքներ։ Թվում էր, թե ամեն ինչ կարգին է։ Հավանաբար, ոչ մի նշանակություն չուներ իմ հետևելը կամ չհետևելը։ Ես կարծում էի, թե մեքենաների վիճակը, այս կամ այն մասերը ձեռք բերելու հնարավորությունը, վիրակապական կայաններից հիվանդների և վիրավորների անխափան տեղափոխումը, բաշխման կայաններ փոխադրելը և ապա այնտեղից, ըստ նշված փաստաթղթերի, տարբեր հոսպիտալներում տեղավորելը, ես կարծում էի, թե այս ամենն ինչ-որ չափով ինձնից էր կախված։ Մինչդեռ, հավանաբար, իմ այստեղ լինելը կամ չլինելը ոչինչ չէր փոխում։

— Մասերը դժվա՞ր էին ճարվում,— հարցրի ավագ մեխանիկին։

— Ոչ, signor tenente։

— Որտե՞ղ է հիմա վառելանյութի պահեստը։

— Նույն տեղում։

— Լավ,— ասացի ես, վերադարձա տուն ու ևս մի բաժակ սուրճ խմեցի սպաների ճաշարանում։ Սուրճը բաց մոխրագույն էր և շատ էր քաղցրացել խտացած կաթից։ Դրսում գարնանային հաճելի առավոտ էր։ Քթի մեջ չորության այն զգացողությունն էր ծնվում, որից կարելի էր ենթադրել, թե շոգ օր է սպասվում։ Այդ օրը ես այցելեցի լեռնային պահակետերը ու երեկոյան վերադարձա քաղաք։

Թվում էր, թե գործերն իմ բացակայության ժամանակ կարգավորվել էին։ Լսեցի, որ նորից հարձակում է պատրաստվում։ Դիվիզիան, որին մենք սպասարկում էինք, պետք է հարձակում գործեր գետի վերին հոսանքներում, և մայորն ինձ ասաց, որ հարձակման ժամանակ հոգ տանեմ պահակետերին։ Հարձակվող զորամասերը պետք է գետն անցնեին նեղ կիրճից վեր և ապա ցրվեին լեռնալանջում։ Անհրաժեշտ էր, որ մեքենաների պահակետերը հնարավորին չափ մոտ լինեին գետին և պաշտպանության տակ գտնվեին։ Նրանց տեղերն, անշուշտ, պետք է հետևակը որոշեր, սակայն ենթադրվում էր, թե պլանը մենք ենք մշակում։ Դա այն բաներից մեկն էր, որ զինվորական գործունեության պատրանք է ստեղծում։

Ես շատ էի փոշոտվել ու կեղտոտվել։ Բարձրացա մեր սենյակը, որպեսզի լվացվեմ։ Ռինալդին նստել էր մահճակալի վրա, Հյուգոյի անգլերեն քերականության գիրքը ձեռքին։ Նա համազգեստով էր, հագել էր սև կոշիկները, մազերը փայլում էին։

— Ինչ լավ է,— ինձ տեսնելով, ասաց նա։— Դուք ինձ հետ կգաք միսս Բարկլիի մոտ։

― Ոչ։

— Այո։ Դուք կբարեհաճեք ինձ հետ գալ և կաշխատեք լավ տպավորություն թողնել նրա վրա։

— Լավ։ Սպասեք մինչև կարգի բերեմ ինձ։

— Լվացվեք և հենց այդպես էլ եկեք։

Լվացվեցի, սանրվեցի, ու մենք պատրաստվեցինք ճամփա ընկնել։

― Մի րոպե,— ասաց Ռինալդին։— Գուցե խմենք մի քիչ։

Նա բաց արեց իր սնդուկը և հանեց մի շիշ։

— Ստրեդա չեմ խմի,— ասացի ես։

— Գրապպա է։

— Լավ։

Նա երկու բաժակ լցրեց, մենք չխկացրինք, ցուցամատները մի կողմ տանելով։ Գրապպան շատ թունդ էր։

— Էլի լցնե՞մ։

— Լավ, լցրեք։

Մի-մի բաժակ էլ խմեցինք։ Ռինալդին շիշը դրեց սնդուկի մեջ, ու մենք դուրս եկանք տնից։ Քաղաքում շոգ էր, բայց արևն արդեն մայր էր մտնում և շատ հաճելի էր քայլելը։ Անգլիական հոսպիտալը մի մեծ առանձնատուն էր, որ պատերազմից առաջ կառուցել էին գերմանացիները։ Միսս Բարկլին պարտեզում էր։ Նրա հետ էր նաև մի ուրիշ հիվանդապահուհի։ Ծառերի արանքից մենք տեսանք նրանց սպիտակ խալաթները և մեր քայլերն ուղղեցինք այդ կողմ։ Ռինալդին պատիվ տվեց։ Ես ևս պատիվ տվեցի, բայց ավելի զուսպ։

— Բարև ձեզ,— ասաց միսս Բարկլին։— Դուք իտալացի չեք, այնպես չէ՞։

— Օ, ոչ։

Ռինալդին զրուցում էր մյուս հիվանդապահուհու հետ։ Նրանք ծիծաղում Լին։

— Ինչ տարօրինակ է իտալական բանակում ծառայելը։

— Սա իսկական բանակ չէ։ Սա պարզապես սանիտարական ջոկատ է։

— Համենայն դեպս, տարօրինակ է։ Ինչո՞ւ այդպես վարվեցիք։

— Չգիտեմ,— ասացի ես։— Միշտ չէ, որ կարելի է ամեն ինչ բացատրել։

— Մի՞թե։ Ինձ սովորեցրել են, որ կարելի է։

— Դա շատ լավ բան է։

— Մենք այս ձևո՞վ ենք շարունակելու մեր խոսակցությունը։

— Ոչ,— ասացի ես։

— Փառք աստծո։

— Սա ի՞նչ փայտ է,— հարցրի ես։

Միսս Բարկլին բավական բարձրահասակ էր։ Հագել էր սպիտակ հագուստ, որը նման էր հիվանդապահուհու խալաթի։ Շիկահեր էր, ոսկեգույն մաշկով և մոխրագույն աչքերով։ Նա ինձ շատ գեղեցիկ թվաց։ Նա բռնել էր մի բարակ ձեռնափայտ, որ նման էր կաշվից հյուսված մանկական ճիպոտի։

— Սա պատկանում է մի տղայի, որն անցյալ տարի սպանվեց։

— Ներեցեք։

— Շատ լավ տղա էր։ Նա ուզում էր ամուսնանալ ինձ հետ, բայց Սամմում սպանվեց։

— Դա սարսափելի ճակատամարտ էր։

— Մասնակցե՞լ եք։

— Ոչ։

— Լսել եմ դրա մասին,— ասաց նա։— Մեր կողմերում այդպիսի ճակատամարտ երբեք չի եղել։ Ինձ այս փոքրիկ ձեռնափայտն ուղարկեցին։ Նրա մայրն ուղարկեց մյուս իրերի հետ միասին։

— Երկա՞ր ժամանակ էիք նշանված։

— Ութ տարի։ Մենք միասին ենք մեծացել։

— Իսկ ինչո՞ւ չեք ամուսնացել։

— Չգիտեմ,— ասաց նա։— Հիմարություն եմ արել։ Համենայն դեպս, հանուն նրա ես կարող էի այդ քայլին դիմել։ Բայց կարծում էի, որ դա վատ կլիներ նրա համար։

— Հասկանում եմ։

— Դուք սիրե՞լ եք որևէ մեկին։

— Ոչ,— ասացի ես։

Նստեցինք նստարանին, ու ես նայեցի նրան։

— Գեղեցիկ մազեր ունեք,— ասացի ես։

— Հավանո՞ւմ եք։

— Շատ։

— Երբ նա մեռավ, ես ուզում էի կտրել մազերս։

— Ինչ եք ասում։

— Ուզում էի ինչ-որ բան անել նրա համար։ Ես այդպիսի բաների վրա ուշադրություն չեմ դարձրել։ Նա կարող էր ամեն ինչ ունենալ։ Ամեն ինչ, եթե միայն ցանկանար։ Եվ եթե միայն ես հասկանայի։ Ես կամուսնանայի կամ թեկուզ հենց այնպես կապրեի նրա հետ։ Հիմա եմ այդ բոլորը հասկանում։ Բայց նա ուզում էր պատերազմ գնալ, ու ես ոչինչ չէի հասկանում։

Ես լուռ էի։

— Ես այն Ժամանակ ընդհանրապես ոչինչ չէի հասկանում, և մտածում էի, որ դա էլ ավելի վատ կլինի նրա համար։ Մտածում էի, որ գուցե նա չի կարողանա այդ ամենը տանել։ Իսկ հետո նրան սպանեցին, և դրանով ամեն ինչ վերջացավ։

— Ով գիտե։

— Այո,— ասաց նա։— Ամեն ինչ վերջացավ։

Մենք նայեցինք Ռինալդիին, որը զրուցում էր մյուս հիվանդապահուհու հետ։

— Նրա անունն ի՞նչ է։

— Ֆերգյուսոն։ Հելլեն Ֆերգյուսոն։ Ձեր ընկերը բժիշկ է, այնպես չէ՞։

— Այո։ Շատ լավ բժիշկ է։

— Շատ հաճելի է։ Ճակատամերձ գոտում հազվադեպ կարելի է լավ բժիշկ գտնել։ Սա ճակատամերձ գոտի է, չէ՞։

— Իհարկե։

— Հիմար ճակատ է,— ասաց նա։— Բայց հիանալի տեղ է։ Հարձակմա՞ն եք պատրաստվում։

— Այո։

— Ուրեմն, վերջապես գործ կունենանք։ Հիմա ոչ մի գործ չկա։

— Երկա՞ր ժամանակ եք որպես հիվանդապահուհի աշխատում։

— Տասնհինգ թվականի վերջից։ Հենց որ նա գնաց, ես էլ գնացի։ Հիշում եմ, հիմար-հիմար բաներ էի մտածում, որ նա կարող էր ընկնել իմ հոսպիտալը։ Թրի հարվածից վիրավորված և գլուխը վիրակապով փաթաթված։ Կամ գնդակից վնասված ուսով։ Մի խոսքով, ինչ-որ ռոմանտիկ բան կար։

— Սա ևս ռոմանտիկ ռազմաճակատ է,— ասացի ես։

— Այո,— ասաց նա։— Մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում պատերազմ Ֆրանսիայում։ Եթե պատկերացնեին, չէին շարունակի կռվել։ Նա թրի հարվածից չվիրավորվեց։ Ռումբը կտոր-կտոր արեց նրան։

Ես լուռ էի։

— Կարծում եք, որ սա պիտի անվերջ շարունակվի՞։

— Ոչ։

— Իսկ ի՞նչը կարող է այն դադարեցնել։

— Ինչ-որ մի տեղ ձախողում կլինի։

— Մենք կձախողվենք։ Կձախողվենք Ֆրանսիայում։ Հնարավոր չէ Սոմմի նման ճակատամարտ տալ ու չձախողվել։

— Այստեղ չի ձախողվի,— ասացի ես։

— Կարծո՞ւմ եք։

— Այո։ Անցյալ ամառ շատ հաջողություններ եղան։

— Գուցե և ձախողվի,— ասաց նա։— Ամեն տեղ էլ կարող է ձախողվել։

— Գերմանացիներն էլ կարող են։

— Ոչ,— ասաց նա։— Չեմ կարծում։

Մենք մոտեցանք Ռինալդիին և միսս Ֆերգյուսոնին։

— Սիրո՞ւմ եք Իտալիան,— Ռինալդին անգլերեն հարցրեց միսս Ֆերգյուսոնին։

— Ոչինչ, վատ չէ։

— Չեմ հասկանում,— Ռինալդին տարուբերեց գլուխը։

— Abbastanza bene[7],— թարգմանեցի ես։ Նա տարուբերեց գլուխը։

— Դա չավ չէ։ Իսկ Անգլիան սիրո՞ւմ եք։

— Ոչ այնքան։ Գիտեք, ես շոտլանդուհի եմ։

Ռինալդին անօգնական ինձ էր նայում։

— Նա շոտլանդուհի է, Շոտլանդիան ավելի շատ է սիրում, քան Անգլիան,— ասացի ես իտալերեն։

— Բայց չէ՞ որ Շոտլանդիան հենց Անգլիան է։

Ես թարգմանեցի միսս Ֆերգյուսոնին։

— Pas encore[8],— ասաց միսս Ֆերգյուսոնը։

— Իսկապե՞ս ոչ։

— Ու երբեք չի լինի։ Մենք չենք սիրում անգլիացիներին։

— Չեք սիրում անգլիացիների՞ն։ Չեք սիրում միսս Բարկլիի՞ն։

— Դրանք տարբեր բաներ են։ Նա ևս ինչ-որ չափով շոտլանդուհի է։ Ինչո՞ւ եք ամեն ինչ տառացի հասկանում։

Քիչ անց մենք բարի գիշեր մաղթեցինք ու հեռացանք։ Տուն գնալիս Ռինալդին ասաց.

— Միսս Բարկլին քեզ է նախընտրում։ Պարզ երևում է։ Բայց փոքրիկ շոտլանդուհին էլ շատ լավն է։

— Շատ,— ասացի ես, թեև ուշադրություն չէի դարձրել։— Հավանո՞ւմ եք նրան։

— Ոչ,— ասաց Ռինալդին։

Գլուխ 5

Հաջորդ երեկոյան ես նորից այցելեցի միսս Բարկլիին։ Նա պարտեզում չէր, ու ես գնացի դեպի առանձնատան այն մուտքը, որի առաջ կանգնում էին սանիտարական մեքենաները։ Ներս մտա ու հանդիպեցի ավագ հիվանդապահուհուն։ Նա ասաց, որ միսս Բարկլին հերթապահ է։

— Դե, գիտեք, պատերազմ է։

Ասացի, որ գիտեմ։

— Դուք այն ամերիկացի՞ն եք, որ ծառայում է իտալական բանակում,— հարցրեց նա։

— Այո, մեմ։

— Իսկ դա ինչպե՞ս պատահեց։ Ինչո՞ւ մեզ չմիացաք։

— Չգիտեմ,— ասացի ես։― Իսկ հիմա կարո՞ղ եմ։

— Հիմա դժվար թե։ Ասացեք, խնդրեմ, ինչո՞ւ իտալական բանակ մտաք։

— Ա՛յն ժամանակ Իտալիայում էի գտնվում,— ասացի ես,— և իտալերեն գիտեի։

— Օ,— ասաց նա։— Ես իտալերեն եմ սովորում։ Գեղեցիկ լեզու է։

— Ասում են, որ երկու շաբաթում կարելի է սովորել։

— Օ, ես երկու շաբաթում չեմ սովորի։ Արդեն մի քանի ամիս է, ինչ պարապում եմ։ Եթե ուզում եք, ժամը յոթից հետո կարող եք գալ և տեսնել նրան։ Այդ ժամին ազատ կլինի։ Բայց առանց իտալացիների եկեք։

— Չնայած գեղեցիկ լեզվի՞ն։

— Այո։ Եվ չնայած գեղեցիկ համազգեստներին։

— Ցտեսություն,— ասացի ես։

— A rivederci, tenente[9]։

— A rivederla,— ես պատիվ տվեցի ու հեռացա։ Հնարավոր չէ օտարներին իտալացու պես պատիվ տալ ու չշփոթվել։ Հավանաբար, պատիվ տալու իտալական ձևը ենթակա չէ արտահանման։

Այդ օրը շոգ էր։ Առավոտյան ես գնացել էի գետի վերին հոսանքները և հասել Պլավայի մոտի կամրջագլխային ամրությունը։ Հենց այդտեղից էլ պետք է սկսվեր հարձակումը։ Անցյալ տարի հնարավոր չեղավ առաջ շարժվել դիմացի ափում, որովհետև լեռնանցքից դեպի նավակամուրջը տանող մի ճանապարհ կար միայն, որը մոտ մեկ մղոն հեռավորությունից գնդացրային ու հրետանային կրակի տակ էր գտնվում։ Բացի այդ, կամուրջն այնքան էլ լայն չէր, որ կարողանար տեղավորել հարձակման համար անհրաժեշտ ամբողջ տրանսպորտը, և ավստրիացիները կարող էին այնտեղ իսկական ջարդ սարքել։ Բայց և այնպես իտալացիներին հաջողվեց անցնել գետը և առաջ շարժվել հանդիպակաց ափի ուղղությամբ, այնպես որ ավստրիական ափում հիմա նրանք մեկ ու կես մղոն տարածությամբ մի հողաշերտի էին տիրում։ Դա վտանգավոր առավելություն էր, և ավստրիացիները չէին կարող թույլ տալ, որ նրանք երկար տիրեն այդ հողաշերտին։ Կարծում եմ, որ դա փոխադարձ հանդուրժողականություն էր, որովհետև գետի ներքին հոսանքներում գտնվող կամրջագլխային ամրությունը ավստրիացիների ձեռքին էր։ Ավստրիական խրամատներն ավելի բարձր էին, լեռնալանջի վրա, իտալական դիրքերից ընդամենը մի քանի յարդ հեռու։ Առաջ այնտեղ քաղաք էր եղել, բայց հիմա միայն ավերակներ էին։ Քիչ այն կողմ ավերված երկաթուղային մի կայարան կար և քարուքանդ եղած մի կամուրջ, որը աչքի առաջ լինելու պատճառով չէր կարելի ոչ նորոգել, ոչ էլ օգտագործել։

Մեքենան նեղ ճանապարհով քշեցի դեպի գետը, թողեցի վիրակապական կայանում, բլրի տակ, անցա նավակամուրջը, որը պաշտպանված էր լեռան ելուստով և շրջեցի ավերված քաղաքում ու լեռնալանջի ստորոտի երկարությամբ փորված խրամատներում։ Բոլորն էլ բլինդաժներում էին։ Տեսա բազմաթիվ հրթիռներ, որոնց միջոցով հրետանու օգնությանն էին դիմում և կամ, հեռախոսային կապը խզվելու դեպքում, ազդանշան տալիս։ Խաղաղ էր, շոգ և լորս կողմը՝ կեղտոտ։ Փշալարերի արանքից նայեցի ավստրիական դիրքերին։ Ոչ ոք չէր երևում։ Բլինդաժներից մեկում ծանոթ մի կապիտանի հանդիպեցի, մի քիչ խմեցինք նրա հետ, ապա, կամուրջն անցնելով, վերադարձա։

Ավարտվում էր նոր և լայն ճանապարհի կառուցումը, որն անցնելու էր լեռան վրայով, ապա կեռմաններով իջնելու էր դեպի կամուրջը։ Հենց որ կառուցումն ավարտվեր, սկսվելու էր հարձակումը։ Ճանապարհը զառիթափ պտույտներ էր գործում և իջնում անտառի միջով։ Ծրագրի համաձայն, ամեն ինչ պետք է տեղափոխվեր նոր ճանապարհով, իսկ դատարկ բեռնատարները, սայլերը, վիրավորներով լեցուն սանիտարական մեքենաները և ետ դարձող ամբողջ տրանսպորտը՝ հին, նեղ ճանապարհով։ Վիրակապական կայանը գտնվում էր գետի ավստրիական մասում, բլրի ծայրին, և պատգարակների վրա պառկած վիրավորներին հարկավոր էր նավակամրջով անցկացնել։ Նույն բանն էր արվելու նաև հարձակումից հետո։ Ինչքան որ պատկերացրի, նոր ճանապարհի վերջին մղոնը կամ զուցե մի քիչ էլ ավելի, այսինքն այն մասը, որ լրիվ հարթ էր, անընդհատ ավստրիական հրետանու ռմբակոծման տակ էր գտնվելու։ Ամեն ինչից, երևում էր, որ դա բազում անախորժություններ է պատճառելու։ Բայց ես գտա մի տեղ, ուր մեքենաները կարող էին պատսպարվել ճանապարհի այդ վտանգավոր հատվածն անցնելուց հետո և սպասել, մինչև վիրավորներին անցկացնեին նավակամրջից։ Ես շատ կուզենայի մեքենան քշել նոր ճանապարհով, բայց այն դեռ անավարտ էր։ Լայն էր ճանապարհը, կառուցված բարձր որակով, հարմար զառիթափեր ուներ, և անտառի բացատների միջից նրա ոլորանները շատ տպավորիչ էին։ Ուժեղ արգելակներ ունեցող մեքենաների համար հեշտ էր զառիթափով իջնել, բայց համենայն դեպս, իջնելիս նրանք բեռնավորված չէին լինի։ Նեղ ճանապարհով ես ետ վերադարձա։

Երկու կարաբինավոր կանգնեցրին մեքենան։ Մի արկ պայթեց ճանապարհի վերևում, իսկ քիչ անց՝ ևս երեք արկ։ Դրանք 77 միլիմետրանոց արկեր էին, որոնք պայթելու ժամանակ օդի սաստիկ ճնշում էին առաջացնում, ապա՝ կտրուկ, կարճ պայթյուն, բռնկում, և ճանապարհը ծածկվում էր մոխրագույն ծխով։ Կարաբինավորները նշան արեցին, որ կարելի էր շարունակել ճանապարհը։

Հասնելով պայթյունների վայրը, շրջանցեցի արկերից առաջացած ձագարները և զգացի պայթուցիկ նյութի, տակնուվրա արված կավի, քարի և նոր փշրված կայծքարի հոտ։ Վերադարձա Գորիցիա, մեր առանձնատունը և, ինչպես արդեն ասել եմ, գնացի միսս Բարկլիի մոտ, որն այդ օրը հերթապահ էր։

Շատ արագ ճաշեցի ու անմիջապես գնացի այն առանձնատունը, որտեղ տեղավորվել էր անգլիական հոսպիտալը։ Առանձնատունն իսկապես շատ մեծ էր, գեղեցիկ, և շրջապատված էր հրաշալի ծառերով։ Միսս Բարկլին նստել էր պարտեզի նստարաններից մեկի վրա։ Նրա հետ էր նաև միսս Ֆերգյուսոնը։ Նրանք կարծես ուրախացան ինձ տեսնելով։ Քիչ անց միսս Ֆերգյուսոնը ներողություն խնդրեց ու վեր կացավ։

— Ես ձեզ մենակ եմ թողնում,— ասաց նա։— Դուք առանց ինձ էլ ձեզ լավ եք զգում։

— Մի գնացեք, Հելեն,— ասաց միսս Բարկլին։

— Չէ, ավելի լավ է գնամ։ Պետք է մի քանի նամակ գրեմ։

— Բարի գիշեր,— ասացի ես։

— Բարի գիշեր, միստր Հենրի։

— Այնպիսի բաներ չգրեք, որ գրաքննությունը մտահոգվի։

— Մի անհանգստացեք։ Ես միայն այն մասին եմ գրում, թե ինչ գեղեցիկ տեղ ենք ապրում և թե որքան քաջ են իտալացիները։

— Եթե այդպես շարունակեք, շքանշան կստանաք։

— Շատ լավ կլինի։ Բարի գիշեր, Կետրին։

— Քիչ հետո կանցնեմ ձեզ մոտ,— ասաց միսս Բարկլին։

Միսս Ֆերգյուսոնն անհետացավ մթության մեջ։

— Հիանալի կին է,— ասացի ես։

— Այո, շատ հիանալի կին է։ Հիվանդապահուհի է։

— Իսկ դուք հիվանդապահուհի չե՞ք։

— Օ, ոչ։ Ես այսպես ասած V. A. D[10] եմ։ Մենք շատ ենք աշխատում, բայց ոչ ոք մեզ չի վստահում։

— Ինչո՞ւ։

— Երբ գործ չկա, չեն վստահում։ Իսկ երբ կա, վստահում են։

— Ո՞րն է տարբերությունը։

— Հիվանդապահուհին ինչ-որ չափով նաև բժիշկ է։ Նա պետք է երկար սովորի։ Իսկ V․ A. D.-ն ավարտելու համար կարճ ժամկետ է հարկավոր։

— Հասկանում եմ։

— Իտալացիները չէին ուզում, որ կանայք այսքան մոտ լինեն ճակատին։ Այնպես որ, մենք հատուկ ռեժիմի տակ ենք։ Մեզ թույլ չեն տալիս այստեղից դուրս գալ։

— Բայց ես կարո՞ղ եմ գալ...

— Իհարկե։ Այստեղ կուսանոց չէ։

— Եկեք այլևս չխոսենք պատերազմի մասին։

— Դժվար է։ Այսպիսի տեղում հնարավոր չէ չխոսել։

— Համենայն դեպս, եկեք չխոսենք։

— Լավ։

Մթության մեջ մենք իրար նայեցինք։ Նա ինձ շատ գեղեցիկ թվաց, ու ես բռնեցի նրա ձեոքը։ Նա չդիմադրեց, ու ես գրկեցի նրա մեջքը։

— Պետք չէ,— ասաց նա։

Ես չհեռացրի ձեռքս։

— Ինչո՞ւ։

Նայեցի նրա աչքերին, նորից գրկեցի ու համբուրեցի։ Համբուրեցի շատ ամուր, ուժեղ գրկեցի և փորձեցի բաց անել շրթունքները, որոնք պինդ սեղմված էին իրար։ Ես դեռ զայրացած էի, ու երբ ամուր գրկեցի նրան, հանկարծ նա ցնցվեց։ Ես էլ ավելի ուժեղ գրկեցի նրան ու լսեցի նրա սրտի զարկերը, շրթունքները բացվեցին, գլուխը հակվեց ձեռքիս, հետո նա սկսեց լաց լինել ուսիս վրա։

— Օ, սիրելիս, ասաց նա։— Դուք միշտ բարի կլինեք իմ հանդեպ, այնպես չէ՞։

«Գրողը տանի»,— մտածեցի ես։ Շոյեցի մազերը և թփթփացրի ուսին։ Նա լաց էր լինում։

— Բարի կլինեք, այնպես չէ՞։— Նա հայացքն ինձ ուղղեց։— Որովհետև մեզ շատ տարօրինակ կյանք է սպասում։

Քիչ անց ես նրան ուղեկցեցի մինչև առանձնատան դուռը։ Նա ներս մտավ, ու ես գնացի տուն։ Բարձրացա մեր սենյակը։ Ռինալդին պառկած էր անկողնում։ Նա նայեց ինձ։

— Ուրեմն, գործերը միսս Բարկլիի հետ առա՞ջ են գնում։

— Մենք ընկերներ ենք։

— Ոնց որ որսից վերադարձած շուն լինեք...

Ես չհասկացա, թե ինչ էր նշանակում այս արտահայտությունը։

— Ւ՞նչ, ի՞նչ։

Նա բացատրեց։

— Դուք եք որսի շուն, որը...

— Բավական է,— ասաց նա։— Եթե մի քիչ էլ շարունակենք, կսկսենք վիրավորել իրար։

Նա ձիծաղեց։

— Բարի գիշեր,— ասացի ես։

— Բարի գիշեր, փոքրիկս։

Բարձս գցեցի մոմի վրա ու մթության մեջ անկողին մտա։

Ռինալդին մոմը վերցրեց գետնից, վառեց ու շարունակեց կարդալ։

Գլուխ 6

Երկու օրով գնացի պահակետերը շրջելու։ Երբ տուն վերադարձա, արդեն շատ ուշ էր, և միայն հաջորդ երեկոյան կարողացա հանդիպել միսս Բարկլիին։ Նա պարտեզում չէր, ու ես ստիպված եղա հիվանդանոցի գրասենյակում սպասել, մինչև նա իջներ։ Գրասենյակի պատերի երկարությամբ, փայտե ներկված պատվանդանների վրա, շարված էին մեծ թվով մարմարե կիսանդրիներ։ Նախասրահում՝ նույնպես։ Ընդհանրապես մարմարն այնպիսի յուրահատկություն ունի, որ բոլոր կիսանդրիները նման են լինում իրար։ Քանդակագործությունը միշտ էլ ձանձրալի զբաղմունք է թվացել ինձ։ Գուցե միայն բրոնզն է, որ դեռևս բանի նման է։ Իսկ մարմարե կիսանդրիները գերեզմանատուն են հիշեցնում։ Թեև Պիզայում մի շատ գեղեցիկ գերեզմանատուն կա։ Մարմարե ամենավատ կիսանդրիները Ջենովայում են։ Առաջ սա եղել էր մի մեծահարուստ գերմանացու առանձնատունը և, ըստ երևույթին, մարմարե կիսանդրիները բավական թանկ են նստել տիրոջ վրա։ Հետաքրքիր է, թե ով էր քանդակագործը և ինչքան էր ստացել այդ աշխատանքի համար։ Փորձում էի որոշել՝ նո՞ւյն ընտանիքի անդամներ էին նրանք, թե ոչ։ Բայց բոլորն էլ միանման էին և դասական տեսք ունեին։ Հնարավոր չէր որոշակի որևէ բան ասել նրանց մասին։

Ես նստել էի աթոռին և բռնել գլխարկս։ Սահմանված էր, որ նույնիսկ Գորիցիայում մենք պետք է պողպատե սաղավարտներ կրեինք, բայց դրանք անհարմար էին ու շատ թատերական, հատկապես մի քաղաքում, որի բնակիչները չէին էվակուացված։ Ես սաղավարտ էի հագնում միայն պահակետերն ստուգելիս և ինձ հետ էի վերցնում նաև անգլիական հակագազը, որ վերջերս էինք ստացել։ Դրանք իսկական դիմակներ էին։ Մենք պարտավոր էինք կրել նաև ավտոմատ ատրճանակ, նույնիսկ՝ բժիշկներն ու սանիտարական զորամասի սպաները։ Աթոռին հենվելիս զգում էի ատրճանակը։ Եթե առանց դրա փողոց դուրս գայիր, անպայման կձերբակալեին։ Ռինալդին, ատրճանակի փոխարեն, զուգարանի թուղթ էր խցկում պատյանի մեջ։ Ես իսկական ատրճանակ էի կրում և անընդհատ զինված էի զգում ինձ, մինչև որ առիթ եղավ օգտագործել այն։ «Աստրա» տիպի, 7.65 տրամաչափի, կարճ փողով մի հրացան էր դա։ Կրակելիս այնպես էր ցնցվում, որ խոսք անգամ չէր կարող լինել ճիշտ նշանառության մասին։ Զինավարժության ժամանակ նշան էի բռնում թիրախի տակ և փորձում էի այնպես անել, որ այդ կարճ ու անհեթեթ փողը չդողդողար, մինչև որ վերջապես կարողացա քսան քայլից մեկ յարդի սահմաններում խոցել նշանակետը, և դրանից հետո գլխի ընկա, թե ինչքան անհեթեթ բան էր ատրճանակ կրելն ու շուտով մոռացա նրա գոյությունը, ատրճանակը ճոճվում էր գոտկատեղից կախված, իսկ ես ոչինչ չէի զգում, ու միայն երբեմն, անգլիացիների կամ ամերիկացիների հանդիպելիս, մի թեթև ամաչում։ Եվ ահա հիմա, աթոռին նստած, ես դիտում էի մարմարե հատակը, մարմարե կիսանդրիներով պատվանդանները, պատերի որմնանկարները և սպասում միսս Բարկլիին, իսկ գրասենյակի հերթապահը անբարեհաճ հայացքով ինձ էր նայում իր բարձր սեղանի ետևից։ Որմնանկարները վատ չէին։ Ընդհանրապես որմնանկարները լավ են լինում, երբ նրանց ներկն սկսում է ճաքճքել ու թափվել։

Տեսնելով, որ Կետրին Բարկլին նախասրահ մտավ, ես վեր կացա։ Մոտենալիս նա այնքան էլ բարձրահասակ չէր երևում, բայց շատ գեղեցիկ էր։

— Բարի երեկո, միստր Հենրի,— ասաց նա։

— Բարի երեկո,— ասացի ես։

Հերթապահն ականջ էր դրել մեզ։

— Այստե՞ղ նստենք, թե պարտեզ դուրս գանք։

— Եկեք դուրս գանք։ Պարտեզում ավելի զով է։

Ես նրա ետևից քայլեցի մինչև դուռը, իսկ հերթապահը հայացքով անընդհատ հետևում էր մեզ։ Պարտեզում, խճաքարերով ծածկված արահետի վրա, նա հարցրեց ինձ․

— Ո՞ւր էիք գնացել։

— Գնացել էի պահակետերը։

— Իսկ չէի՞ք կարող մի երկտող ուղարկել։

— Ոչ,— ասացի ես։— Չստացվեց։ Կարծում էի, թե նույն օրը կվերադառնամ։

— Բայց սիրելիս, դուք պարտավոր էիք ինձ մի կերպ իմաց տալ։

Մենք դուրս եկանք արահետից և հիմա քայլում էինք ծառերի տակ։ Ես բռնեցի նրա ձեռքը, կանգ առա ու համբուրեցի նրան։

— Չե՞նք կարող որևէ տեղ գնալ։

— Ոչ,— ասաց նա։— Կարող ենք միայն այստեղ զբոսնել։ Դուք երկար բացակայեցիք։

— Այսօր երրորդ օրն է։ Բայց հիմա ես վերադարձել եմ։

Նա նայեց ինձ։

— Եվ դուք ինձ սիրո՞ւմ եք։

— Այո։

— Ասացիք, որ սիրում եք, այնպես չէ՞։

— Այո,— ստեցի ես։— Սիրում եմ ձեզ։

Առաջ այդպիսի բան երբեք չէի ասել։

— Եվ դուք ինձ Կետրի՞ն կկոչեք։

— Կետրին։

Մի քիչ էլ քայլեցինք ու կանգ առանք մի ծառի տակ։

— Ասացեք՝ գիշերը ես վերադարձա Կետրինի մոտ։

— Դիշերը ես վերադարձա Կետրինի մոտ։

— Բայց դուք իսկապես վերադարձել եք, չէ՞։

— Այո։

— Ես ձեզ այնքան եմ սիրում, և դա ուղղակի սարսափելի էր։ Դուք այլևս չեք գնա, չէ՞։

— Ոչ։ Ես միշտ կվերադառնամ։

— Ես ձեզ այնքան եմ սիրում։ Ձեր ձեռքը նորից այստեղ դրեք։

— Իմ ձեռքը միշտ էլ այդտեղ էր։

Ես նրան այնպես շրջեցի, որ համբուրելիս կարողանայի դեմքը տեսնել։ Ու տեսա, որ աչքերը փակ էին։ Համբուրեցի նրա փակ աչքերը։ Մտածում էի, որ հավանաբար, նա խանգարված էր մի քիչ։ Եթե նույնիսկ այդպես էր, ի՞նձ ինչ։ Չէի էլ մտածում, թե ինչ կլիներ վերջը։ Համենայն դեպս, ավելի լավ էր սա, քան թե ամեն երեկո գնալ սպաների հասարակաց տունը, որտեղ աղջիկները վզովդ էին ընկնում, իսկ ուրիշ սպաների հետ հերթով վերև բարձրանալիս ազատ արանքներ էին գտնում և, որպես համակրության նշան, վերցնում գլխարկդ ու հագնում հակառակ ուղղությամբ։ Գիտեի, որ չեմ սիրում Կետրին Բարկլիին, ոչ էլ սիրելու միտք ունեի։ Սա խաղ էր, բրիջի նման մի խաղ, միայն այն տարբերությամբ, որ խաղաթղթերին փոխարինում էին բառերը։ Ինչպես բրիջի ժամանակ, այնպես էլ այստեղ, հարկավոր էր ձևացնել, որ խաղում ես դրամի կամ մի այլ բանի վրա։ Ոչ ոք չգիտեր, թե ինչի վրա էր խաղը։ Բայց ինձ համար միևնույն էր։

— Գուցե մի տեղ գնայինք,— ասացի ես։

Փորձով համոզվեցի, թե որքան դժվար էր տղամարդու համար երկար ժամանակ կանգնած սիրաբանելը։

— Ոչ մի տեղ չենք կարող գնալ,— ասաց նա ու եթերային իր աշխարհից իջավ հողի վրա։

― Մի քիչ նստենք այստեղ։

Նստեցինք քարե հարթ նստարանին, ու ես բռնեցի Կետրին Բարկլիի ձեռքը։ Նա թույլ չտվեց, որ իրեն գրկեմ։

— Շա՞տ հոգնած եք,— հարցրեց նա։

— Ոչ։

Նա սկսեց խոտերին նայել։

— Ձեզ չի՞ թվում, որ կեղտոտ խաղ ենք խաղում։

— Ի՞նչ խաղ։

— Հիմար մի ձևացեք։

— Մտքովս էլ չի անցնում։

— Դուք լավ տղա եք,— ասաց նա։— Եվ աշխատում եք հնարավորին չափ լավ խաղալ։ Բայց դա կեղտոտ խաղ է։

— Դուք մի՞շտ եք կռահում ուրիշի մտքերը։

— Ոչ միշտ։ Բայց ձերը կռահում եմ։ Կարիք չկա ձևացնել, թե սիրում եք ինձ։ Այս երեկոյի համար այսքանն էլ բավական է։ Ուրիշ ինչի՞ մասին կուզենայիք խոսել։

— Բայց ես սիրում եմ ձեզ։

— Խնդրում եմ, չխաբենք իրար, եթե դրա հարկը չկա։ Դուք շատ լավ խաղացիք ձեր դերը, ու հիմա ամեն ինչ կարգին է։ Տեսնում եք, ես ոչ խելագար եմ, ոչ էլ խելքս եմ թռցրել։ Միայն մեկ-մեկ է պատահում․․․

Ես սեղմեցի նրա ձեռքը։

— Կետրին, սիրելիս...

— Հիմա դա շատ ծիծաղելի է հնչում. Կետրին։ Դուք միշտ Նույն ձևով չեք արտասանում իմ անունը։ Բայց դուք շատ լավ տղա եք։ Շատ բարի եք։

— Քահանան էլ է այդպես ասում։

— Այո, շատ բարի եք։ Կայցելեք ինձ։

— Իհարկե։

— Եվ այլևս կարիք չկա ասել, թե սիրում եք ինձ։ Առայժմ վերջ տանք։— Նա վեր կացավ ու մեկնեց ձեռքը։— Բարի գիշեր։

Ես ուզում էի համբուրել նրան։

— Ոչ,— ասաց նա։— Ես չափազանց հոգնած եմ։

— Բայց և այնպես համբուրեցեք ինձ,— ասացի ես։

— Սիրելիս, ես չափազանց հոգնած եմ։

— Համբուրեցեք ինձ։

— Շա՞տ եք ուզում։

— Այո։

Մենք համբուրվեցինք, բայց հանկարծ նա դուրս պրծավ իմ գրկից։

— Կարիք չկա, խնդրում եմ, սիրելիս, բարի գիշեր։

Մենք հասանք դռանը, ու ես տեսա, թե նա ինչպես ներս մտավ ու դնաց դեպի նախասենյակ։ Ես սիրում էի հետևել նրա շարժումներին։ Նա անհետացավ միջանցքում։ Գնացի տուն։ Տոթ գիշեր էր, և լեռներից լսվող աղմուկը ոչ մի րոպե չէր դադարում։ Սան-Գաբրիելեի վրա անընդհատ բռնկումներ էին երևում։ Ես կանգ առա Վիլլա Ռոսսայի առջև։ Փեղկերը փակ էին, բայց ներսում դեռ մարդ կար։ Ինչ-որ մեկը երգում էր։ Բարձրացա սենյակ։ Ռինալդին ներս մտավ, երբ ես հանվում էի։

— Ըհը,— ասաց նա։— Գործերն այնքան էլ լավ չեն։ Բեյբին քիթը կախել է։

— Որտե՞ղ էիք։

— Վիլլա Ռոսսայում։ Շատ ուսանելի տեղ է, բեյբի։ Բոլորս էլ երգում էինք, իսկ դո՞ւք որտեղ էիք։

— Անգլիացիների մոտ։

— Փառք աստծո, որ չխցկվեցի անգլիացիների մեջ։

Գլուխ 7

Հաջորդ օրը, լեռնային առաջին պահակետից վերադառնալուց հետո, մեքենան կանգնեցրի smistamento-յի[11] առաջ, որտեղ վիրավորներն ու հիվանդները, ըստ իրենց փաստաթղթերի, բաշխվում էին տարբեր հոսպիտալների վրա։ Մեքենան ես էի վարում։ Մնացի ղեկի մոտ, իսկ վարորդը փաստաթղթերը ներս տարավ։ Շոգ օր էր, երկինքը՝ կապույտ և շատ պայծառ, ճանապարհը՝ փոշոտ ու սպիտակ։ Ես նստել էի ֆիատի բարձր նստատեղին ու ոչինչ չէի մտածում։ Ճանապարհով մի գունդ էր անցնում, ու ես նայում էի, թե ինչպես են զինվորները քայլում։ Նրանք քրտնած էին և ուժասպառ։ Մի քանիսը պողպատե սաղավարտներ էին հագել, իսկ մյուսները՝ դրանք կախել էին պայուսակներից։ Սաղավարտները մեծ էին և հասնում էին մարդկանց ականջներին։ Բոլոր սպաները սաղավարտ էին դրել։ Լավ նստած սաղավարտներ։ Դա Բազիլիկատի բրիգադի Ալեսն էր։ Դա կարելի էր նկատել նրանց օձիքների ճերմակ ու կարմիր զոլերով վրակարերից։ Գունդն արդեն վաղուց էր անցել, բայց դեռ շատ ետ մնացողներ կային, որոնք չէին կարողացել իրենց ջոկատի հետ համաքայլ գնալ։ Նրանք փոշոտ էին, հոգնած ու քրտնած։ Մի քանիսը հիվանդ էին երևում։ Ետ մնացողներից վերջինն էլ հեռացավ։ Ճանապարհին ևս մի զինվոր հայտնվեց։ Նա կաղում էր։ Կանգ առավ ու նստեց ճամփի եզրին։ Դուրս եկա մեքենայից ու մոտեցա նրան։

— Ի՞նչ է պատահել։

Նա նայեց ինձ, ապա վեր կացավ։

— Հիմա գնամ։

— Ի՞նչ է պատահել։

― Ի՞նչ պիտի պատահի, պատերազմ է, ես դրա․․․

— Իսկ ձեր ո՞տքը․..

— Բան չկա, իջվածք ունեմ։

― Ինչո՞ւ ավտոմեքենայով չեք գնացել,― հարցրի ես։― Ինչո՞ւ հոսպիտալում չեք պառկել։

— Չեն թողնում, լեյտենանտն ասում է, որ ես դիտավորյալ եմ աղեկապս հանել։

— Ցույց տվեք։

— Դուրս է ընկել։

— Ո՞ր կողմից։

— Այ, այստեղ։

Ես շոշափեցի նրա փորը։

— Հազացեք,— ասացի ես։

— Վախենում եմ ավելի մեծանա։ Առանց այդ էլ առավոտվանից երկու անգամ ավելի է մեծացել։

— Մեքենա նստեք,― ասացի ես։― Հենց որ վիրավորների թղթերը պատրաստ լինեն, ինքս կտանեմ ձեզ ու կհանձնեմ ձեր սանիտարական ջոկատին։

— Կասեն, որ ղիտավորյալ եմ արել։

— Չեն կարող,― ասացի ես։― Սա վերք չէ։ Դուք առաջ էլ եք ունեցել, այնպես չէ՞։

― Բայց ես կորցրել եմ աղեկապս։

― Ձեզ հոսպիտալ կուղարկեն։

― Իսկ չե՞մ կարող այստեղ մնալ, tenente:

— Ոչ, ձեր փաստաթղթերն ինձ մոտ չեն։

Եկավ վարորդը և բերեց վիրավորների փաստաթղթերը։

— Չորս հոգուն 105֊ում նշանակեցին, իսկ երկուսին՝ 132-ում,— ասաց նա։

Այդ հոսպիտալները գետի մյուս ափին էին։

― Ղեկին նստեք,— ասացի ես։

Աղեթափությամբ հիվանդ զինվորին օգնեցի բարձրանալ մեքենա ու նստել մեզ մոտ։

— Անգլերեն գիտե՞ք,— հարցրեց նա։

— Այո։

— Ի՞նչ կարծիքի ես այս անիծյալ պատերազմի մասին։

— Վատ կարծիքի եմ։

— Վատ ասիք ու պրծա՞ք։ Գրողը տանի, վատ ասիք ու պրծա՞ք։

— Միացյալ նահանգներում եղե՞լ եք։

— Իհարկե։ Պիտսբուրգում եմ եղել։ Ես իմացա, որ դուք ամերիկացի եք։

— Ինչո՞ւ, լավ չե՞մ խոսում իտալերեն։

— Մեկ է, ես անմիջապես իմացա, որ ամերիկացի եք։

— Եվս մի ամերիկացի,— իտալերեն ասաց վարորդը, նայելով աղեթափությամբ հիվանդ զինվորին։

— Լսեք, լեյտենանտ։ Դուք պետք է անպայմա՞ն ինձ այդ գունդը տանեք։

— Այո։

— Գլխավոր բժիշկը գիտեր, որ իջվածք ունեմ։ Բայց ես գցել էի աղեկապս, որպեսզի ավելի վատանայի ու նորից չգնայի առաջավոր գիծ։

— Հասկանում եմ։

— Գուցե մի ուրի՞շ տեղ տանեիք ինձ։

— Եթե մոտ լինեինք ճակատին, ես կարող էի ձեզ թողնել հենց առաջին սանիտարական կայանում։ Բայց թիկունքում փաստաթուղթ է պետք։

— Եթե վերադառնամ, ինձ կվիրահատեն, իսկ հետո անընդհատ առաջին գծում կպահեն։

Սկսեցի մտածել։

— Դուք կուզենայի՞ք անընդհատ առաջին գծում լինել,— հարցրեց նա։

― Ոչ։

— Գրողը տանի, այս ինչ անիծյալ պատերազմ է։

— Լսեք,— ասացի ես։— Մեքենայից իջեք, գետին ընկեք, որպեսզի ուռուցք առաջանա ձեր գլխին։ Վերադարձին կվերցնենք ձեզ և որևէ հոսպիտալ կտանենք։ Ալգո, մի րոպե կանգնեցրեք։

Մեքենան կանգ առավ ճանապարհի եզրին, և նա իմ օգնությամբ իջավ խցիկից։

— Հենց այստեղ էլ կսպասեմ ձեզ,— ասաց նա։

— Առայժմ,— ասացի ես։

Մենք շարունակեցինք ճանապարհը և մոտ մեկ մղոն հետո հասանք գնդին, այնուհետև անցանք գետը, որ պղտորվել էր հալվող ձյուներից և սրընթաց հոսում էր կամրջակալների միջով, ապա կտրեցինք հարթավայրը, տեղ հասանք և վիրավորներին երկու տարբեր հոսպիտալներ հանձնեցինք։ Վերադարձին ինքս էի վարում դատարկ մեքենան և շատ արագ էի քշում, որպեսզի գտնեմ պիտսբուրգցի զինվորին։ Նախ մենք հասանք գնդին, որն ավելի էր ուժասպառվել և ավելի դանդաղաշարժ դարձել։ Հետո՝ ետ մնացողներին։ Ճանապարհի եզրին սանիտարական մի սայլակառք տեսանք, երկու հոգի բարձրացնում էին աղեթափությամբ հիվանդ զինվորին։ Վերադարձել, գտել էին նրան։ Տեսնելով ինձ, նա տարուբերեց գլուխը։ Սաղավարտը մի կողմ էր ընկած և ճակատն արյունոտված էր։ Քթի մաշկը պատռվել էր, արյունոտ քերծվածքի ու մազերի վրա փոշի էր նստել։

— Լեյտենանտ, նայեցեք ինչ ուռուցք է,— բղավեց նա։— Բայց ինչ անենք։ Եկան, գտան ինձ։

Երբ առանձնատուն վերադարձա, ժամը հինգն էր. լոգանք ընդունեցի այնտեղ, որտեղ մեքենաներն են լվանում։ Հետո, տաբատն ու ներքնաշապիկը հագիս, բաց պատուհանի առջև նստած, զեկուցագիր էի կազմում։ Երկու օրից հարձակում էր սկսվելու, ու ես իմ մեքենաներով պետք է Պլավա գնայի։ Երկար ժամանակ էր անցել այն օրից, ինչ զեկուցագիր էի ուղարկել Միացյալ Նահանգներ և գիտեի, որ արդեն ժամանակն է գրելու, բայց այնքան էի հետաձգել, որ հիմա դա գրեթե անհնար էր։ Գրելու բան չկար։ Ուղարկեցի Zona di Guerra-յի[12] մի քանի բացիկներ, որտեղ ամեն ինչ ջնջեցի, բացի երկու բառից. «Ողջ-առողջ եմ»։ Այսպես ավելի շուտ կհասնեն։ Այս բացիկներն Ամերիկայում շատ դուր կգան, որովհետև տարօրինակ են ու խորհրդավոր։ Պատերազմն այստեղ տարօրինակ էր ու խորհրդավոր, բայց ինձ թվում էր, թե այն ավելի մտածված էր ու դաժան, քան ավստրիացիների դեմ մղվող մյուս պատերազմները։ Ավստրիական բանակն ստեղծված էր Նապոլեոնին հաղթանակներ պարգևելու համար։ Որևէ Նապոլեոնի։ Կուզենայի, որ մենք էլ Նապոլեոն ունենայինք, բայց դրա փոխարեն ունեինք մի գեր և հաջողակ Il Generale Cadorna և Vittorio Emmanuele, բարակ, երկար վզով ու այծամորուքով փոքրիկ մի մարդ։ Աջափնյա բանակը ղեկավարում էր դուքս Աոստան։ Գուցե նա շատ էր գեղեցիկ մեծ զորավար լինելու համար, բայց իսկական տղամարդու տեսք ուներ։ Շատերը կուզենային, որ նա լիներ թագավորը։ Եվ նա նման էր թագավորի։ Նա թագավորի հորեղբայրն էր ու երրորդ բանակի հրամանատարը։ Մենք երկրորդ բանակում էինք։ Երրորդում անգլիական մի քանի մարտկոցներ կային։ Միլանում երկու անգլիացի հրետանավորների հանդիպեցի։ Շատ լավ տղաներ էին, ու մենք հիանալի երեկո անցկացրինք։ Նրանք խոշորակազմ էին ու ամաչկոտ, ամեն ինչ շփոթեցնում էր նրանց ու միաժամանակ դուր էր գալիս։ Երանի անգլիական բանակում ծառայեի։ Ամեն ինչ շատ ավելի պարզ կլիներ։ Բայց այդ դեպքում երևի սպանվեի։ Իսկ սանիտարական ջոկատում՝ հազիվ թե։ Ոչ, նույնիսկ սանիտարական ջոկատում դա չի բացառված։ Պատահել է, որ անգլիական սանիտարական մեքենաների վարորդները ևս սպանվել են։ Գիտեի, որ չէի սպանվի։ Ո՛չ այս պատերազմում։ Այս պատերազմը ոչ մի կապ չուներ ինձ հետ։ Դա ինձ համար նույնքան վտանգավոր էր, որքան պատերազմը կինոնկարներում։ Բայց և այնպես աղոթում էի աստծուն, որ պատերազմը վերջանար։ Գուցե այս ամառ վերջանար։ Գուցե ավստրիացիներին ջարդեն։ Նրանց միշտ էլ ջարդել են նախորդ պատերազմներում։ Իսկ ինչո՞ւ ոչ այս պատերազմում։ Բոլորն էլ ասում էին, որ ֆրանսիացիները ուժասպառ են եղել։ Ռինալդին ասում էր, թե ֆրանսիացիները խռովություն են բարձրացրել, և զորքը գնում է դեպի Փարիզ։ Ես հարցրի, թե հետո ինչ պատահեց, ու նա պատասխանեց․ «Նրանց կանգնեցրին»։ Ես կուզենայի Ավստրիա գնալ առանց պատերազմի։ Կուզենայի գնալ Շվարցվալդ։ Կուզենայի Հարց գնալ։ Իմիջայլոց, որտե՞ղ են գտնվում Հարցի լեռները։ Կարպատներում հիմա կռիվ էր։ Չէի ուզենա այնտեղ գնալ, թեև լավ կլիներ։ Եթե պատերազմ չլիներ, կարող էի Իսպանիա գնալ։ Արևը մայր էր մտնում, օրը զովանում էր։ Ընթրիքից հետո կայցելեմ Կետրին Բարկլիին։ Կուզենայի, որ հիմա ինձ մոտ լիներ։ Կուզենայի Միլանում լինել նրա հետ։ Ինչ լավ կլիներ Կովայում ճաշել, հետո, տոթ երեկոյան, քայլել Վիա Սանցոյի փողոցով, անցնել կամուրջը, թեքվել ջրանցքի երկայնքով ու Կետրին Բարկլիի հետ հյուրանոց գնալ։ Գուցե և գար։ Գուցե պատկերացներ, թե ես այն տղան եմ, որ սպանվեց Սոմում։ Եվ, ահա, մենք մտնում ենք գլխավոր դռնից, և դռնապանը հանում է գլխարկը, և ես մոտենում եմ հերթապահին, խնդրում բանալին, և նա սպասում է վերելակի մոտ, և հետո մենք մտնում ենք ներս, և վերելակը շատ դանդաղ է բարձրանում ու ամեն հարկում շրխկացնում դռները, և ահա մեր հարկը, և տղան բացում է դուռն ու մի կողմ քաշվում, և Կետրինը դուրս է գալիս, ես էլ եմ դուրս գալիս, և մենք քայլում ենք սրահով, և ես բանալին դնում եմ դռան անցքի մեջ, բայց անում ու ներս մտնում, և հետո վերցնում հեռախոսը ու խնդրում ուղարկել մեկ շիշ կապրի բիանկո՝ սառույցով լիքը արծաթե դույլի մեջ, և ինչքան մոտենում, այնքան ուժեղ է լսվում միջանցիկ սառույցի զնգոցը, և տղան ծեծում է դուռը, և ես ասում եմ նրան․ Թողեք դռան ետևում։ Որովհետև մենք մերկ ենք, որովհետև շատ տոթ է և պատուհանը բաց է, և ծիծեռնակները թռչում են տանիքների վրայով, և երբ մթնում է, մոտենում ես պատուհանին ու տեսնում, թե ինչպես են պստլիկ չղջիկները տների տանիքների ու ծառերի գագաթների վրա այս ու այն կողմ գցում իրենց, և մենք խմում ենք կապրի բիանկոն, և դուռը փակ, և տոթ, և միայն սավան, և մի ամբողջ գիշեր, և մենք սիրում ենք իրար մի ամբողջ գիշեր Միլանի շոգ գիշերվա մեջ։ Ահա թե ինչպես պետք է լիներ ամեն ինչ։ Ես արագ կընթրեմ ու կգնամ Կետրին Բարկլիի մոտ։

Անվերջ խոսում էին սեղանի շուրջը, իսկ ես գինի էի խմում, որովհետև եղբայրներ չէինք լինի մենք այս գիշեր, եթե չխմեի մի քիչ։ Ես ու քահանան խոսում էինք արքեպիսկոպոս Այրլենդի մասին, որն, ըստ երևույթին, ազնիվ մարդ էր, նրա անիրավ ճակատագրի ու կյանքում կրած անարդարությունների մասին, որոնց մեջ, որպես ամերիկացի, ես էլ իմ մասն ունեի, ու թեև երբեք չէի լսել նրա անունը, ձևացնում էի, թե այդ ամենը վաղուց հայտնի էր ինձ։ Այդպիսի փայլուն բացատրություն լսելուց հետո անքաղաքավարություն կլիներ ոչինչ չիմանալ այդ գործի մասին, չնայած, ի վերջո, պատճառները, հավանաբար, թյուրիմացության արդյունք էին։ Նրա անունն ինձ գեղեցիկ թվաց, բնիկ միննեսթցի էր նա, և դա առավել հնչեղ էր դարձնում այդ անունը, միննեսթցի Այրլենդ, վիկոնսինցի Այրլենդ, միչիգանցի Այրլենդ։ Ոչ, բանն այդ չէ։ Բանն այստեղ ավելի խորն է։ Այո, հայր սուրբ, ճիշտ է, հայր սուրբ։ Գուցե, հայր սուրբ։ Ոչ, հայր սուրբ։ Դուք ավելի լավ գիտեք, հայր սուրբ։ Քահանան լավն էր, բայց ձանձրալի։ Սպաները վատն էին, բայց ձանձրալի։ Թագավորը լավն էր, բայց ձանձրալի։ Գինին վատն էր, բայց ոչ ձանձրալի։ Գինին հանում էր ատամների էմալն ու թողնում քիմքի վրա։

— Քահանային էլ բանտարկեցին,— պատմում էր Ռոկկան,— որովհետև երեք տոկոսանոց արժեթղթեր էին գտել նրա մոտ։ Դա, իհարկե, Ֆրանսիայում էր։ Այստեղ նրան երբեք չէին բանտարկի։ Նա պնդում էր, թե ոչինչ չգիտի հինգ տոկոսանոց արժեթղթերի մասին։ Բագյեում էր դա։ Հենց այնտեղ էլ թերթերից իմացա ամեն ինչ, գնացի բանտ ու տեսակցություն խնդրեցի քահանայի հետ։ Պարզ է, որ նա էր գողացել արժեթղթերը։

— Ձեր ոչ մի բառին չեմ հավատում,— ասաց Ռինալդին։

— Դուք գիտեք,— ասաց Ռոկկան։— Սա ես պատմում եմ քահանայի համար։ Շատ ուսանելի պատմություն է։ Նա քահանա է, կկարողանա գնահատել։

Քահանան ժպտաց։

— Շարունակեցեք,— ասաց նա։— Ես լսում եմ։

— Անշուշտ, արժեթղթերի մի մասը չգտնվեց, բայց բոլոր երեքտոկոսանոցները և տեղական փոխառությունների էլի ինչ-որ արժեթղթեր, մանրամասն չեմ հիշում, քահանայի մոտ գտան։ Եվ, այսպես, ես բանտ գնացի,— հենց այստեղից էլ սկսվում է պատմությունը,— կանգնեցի խցի առաջ և, կարծես խոստովանանքի պատրաստվելով, ասացի. «Օրհնեցեք ինձ, հայր սուրբ, քանի որ մեղք եք գործել»։

Բոլորն էլ բարձր ծիծաղեցին։

— Եվ նա ի՞նչ պատասխանեց,— հարցրեց քահանան։

Ռոկկան ուշադրություն չդարձրեց դրան և շարունակեց ինձ բացատրել կատակի իմաստը։

— Գլխի ընկաք, չէ՞։

Երևի դա շատ սրամիտ կատակ էր, եթե միայն ճիշտ հասկանայիր։

Ինձ մի քիչ էլ գինի լցրին, ու ես մի անեկդոտ պատմեցի անգլիացի շարքային զինվորի մասին, որին կանգնեցրել էին ցնցուղի տակ։ Հետո մայորը մի անեկդոտ պատմեց տասնմեկ չեխոսլովակների և հունգարացի կապրալի մասին։ Մի քիչ էլ խմելուց հետո, ես պատմեցի փողոցում մի պեննի գտած ժոկեյի անեկդոտը։ Մայորն ասաց, որ իտալական նման մի անեկդոտ կա դքսուհու մասին, որ գիշերները չի քնում։ Քահանան վեր կացավ ու գնաց, և ես պատմեցի շրջիկ առևտրականի անեկդոտը, որ Մարսել է հասնում առավոտյան ժամը հինգին, երբ միստրալն էր փչում։ Մայորն ասաց, որ ըստ իրեն հասած լուրերի, ես կարգին խմում եմ։ Ես ժխտեցի։ Նա ասաց, որ այդ լուրերր ճիշտ են, և Բաքոսի օգնությամբ մենք կստուգենք, արդյո՞ք ճիշտ են, թե ոչ։ Ոչ մի Բաքոս, ասացի ես։ Ոչ մի Բաքոս։ Այո, Բաքոսը, ասաց նա։ Ես պետք է գավաթ առ գավաթ, բաժակ առ բաժակ խմեի Բասի Ֆիլիպպո Վինչենցայի հետ։ Բասին ասաց՝ ոչ, դա անարդար մրցույթ է, քանի որ ինքն արդեն կրկնակի շատ էր խմել։ Ես ասացի, որ դա մի նողկալի սուտ է, Բաքոսը կամ ոչ Բաքոսը, Ֆիլիպպո Վինչենցա Բասի կամ Բասի Ֆիլիպպո Վինչենցան ամբողջ երեկոյի րնթացքում մի կաթիլ անգամ չի խմել և, վերջապես, ի՞նչ էր նրա անունը։ Նա հարցրեց, թե ի՞մ անունն ինչ է, Ֆեդերիկո Էնրիկո՞, թե՞ Էնրիկո Ֆեդերիկո։ Ես ասացի կորչի Բաքոսը, թող հաղթի նա, ով ավելի արժանի է, և մայորը, երկու գավաթ կարմիր գինի լցնելով, մեկնարկ տվեց։ Խմեցի գավաթի կեսը և էլ չուզեցի շարունակել։ Հիշեցի, թե ուր եմ գնալու։

— Բասին հաղթեց,— ասացի ես։— Նա ինձնից ավելի արժանի է։ Ես պետք է գնամ։

— Ճիշտ է, նա պետք է գնա,— ասաց Ռինալդին։— Ժամադրություն ունի։ Ես լավ գիտեմ։

— Ես պետք է գնամ։

— Մի ուրիշ անգամ,— ասաց Բասին։— Մի ուրիշ անգամ, երբ ավելի պինդ զգաք ձեզ։

Նա խփեց ուսիս։ Սեղանի վրա մոմեր էին վառվում։ Բոլոր տղաներն էլ շատ երջանիկ էին։

— Բարի գիշեր, պարոնայք,— ասացի ես։

Ռինալդին ինձ հետ դուրս եկավ։ Մենք կանգնեցինք բակում, և նա ասաց․

— Ավելի լավ է հարբած չգնաք։

— Հարբած չեմ, Ռինի։ Ճիշտ եմ ասում։

— Գոնե սուրճի հատիկներ ծամեք։

— Դատարկ բան է։

— Ես մի քանի հատիկ կբերեմ, բեյբի։ Դուք զբոսնեք մի քիչ։

Նա վերադարձավ ու մի բուռ բոված սուրճի հատիկ բերեց։

— Ծամեք սրանք, բեյբի, աստված ձեզ հետ։

— Բաքոս,— ասացի ես։

— Ես կուղեկցեմ ձեզ։

― Ես ինձ շատ լավ եմ զգում։

Մենք քայլում էինք քաղաքում, ու ես սուրճ էի ծամում։ Անգլիական առանձնատան ծառուղու դարպասի մոտ նա բարի գիշեր մաղթեց։

— Բարի գիշեր,— ասացի ես։— Ինչո՞ւ ներս չեք մտնում։

Նա բացասաբար շարժեց գլուխը։

― Ոչ,― ասաց նա։— Ես ավելի պարզ հաճույքներ եմ նախընտրում։

— Սուրճի համար շնորհակալություն։

— Չարժե, բեյբի, չարժե։

Քայլեցի ծառուղով։ Ծառուղու երկու կողմերում շարված կիպարիսների ուրվագծերր հստակ էին ու պարզորոշ։ Հետ նայեցի ու տեսա, որ Ռինալդին կանգնած հետևում էր ինձ, և ձեռքով արեցի։

Նստեցի ընդունարանում և սպասեցի Կետրին Բարկլիին։ Ինչ-որ մեկը նախասրահ մտավ։ Ես վեր կացա, բայց դա Կետրինը չէր, միսս Ֆերգյուսոնն էր։

— Հելլո,— ասաց նա։— Կետրինն ինձ խնդրեց հայտնել, որ այս երեկո, դժբախտաբար, չի կարող ձեզ հետ հանդիպել։

— Ափսոս։ Հուսով եմ, որ հիվանդ չէ։

— Այնքան էլ լավ չի զգում իրեն։

— Ասեք, խնդրում եմ, որ շատ վշտացա։

― Կասեմ։

— Ինչ եք կարծում, գուցե վա՞ղը անցնեմ։

— Անցեք։

— Շատ շնորհակալ եմ,— ասացի ես։— Բարի գիշեր։

Դուրս եկա և հանկարծ ինձ մենակ ու դատարկ զգացի։ Շատ անլուրջ էի վերաբերվել մեր ժամադրությանը, հարբել էի ու գրեթե մոռացել, որ պետք է գնամ, բայց երբ պարզվեց, որ չեմ կարող նրան տեսնել, մենակ ու դատարկ զգացի ինձ։

Գլուխ 8

Հաջորդ օրն իմացանք, որ գիշերը գետի վերին հոսանքներում, հարձակում է լինելու, ու մենք չորս մեքենաներով պետք է այնտեղ գնայինք։ Ոչ ոք ոչինչ չգիտեր, բայց բոլորն էլ խոսում էին մեծ ինքնավստահությամբ և ցուցաբերում իրենց ռազմագիտական իմացությունը։ Ես նստել էի առաջին մեքենայում, ու երբ անցնում էինք անգլիական հոսպիտալի դարպասի մոտով, վարորդին խնդրեցի կանգնել։ Մյուս մեքենաներն էլ արգելակեցին։ Իջա խցիկից և ասացի վարորդներին, որ շարունակեն ճանապարհը, իսկ եթե մինչև Կորմոնի խաչմերուկը չկարողանանք նրանց հասնել, ապա թող հենց այնտեղ էլ սպասեն։ Արագ քայլեցի ծառուղով, մտա ընդունարան և խնդրեցի կանչել միսս Բարկլիին։

— Հերթապահ է։

— Հնարավոր չէ՞ գոնե մի րոպեով տեսնել։

Ուղարկեցին սանիտարներից մեկին, և քիչ անց նա վերադարձավ միսս Բարկլիի հետ։

— Եկա հարցնելու, թե ինչպես է ձեր առողջությունը։ Ասացին, որ հերթապահ եք, և ես խնդրեցի, որ կանչեն ձեզ։

— Լավ եմ,— ասաց նա։— Կարծում եմ, որ երեկվա շոգն ինձ այդպես ուժասպառ արեց։

— Ես պետք է գնամ։

— Ես մի րոպեով դուրս կգամ ձեզ հետ։

— Հիմա լա՞վ եք,— հարցրի դրսում։

— Այո, սիրելիս։ Այս գիշեր կգա՞ք։

— Ոչ։ Հենց հիմա գնում եմ, Պլավայում ներկայացում կա։

— Ներկայացո՞ւմ։

— Հազիվ թե ուրիշ բան լինի։

— Իսկ ե՞րբ կվերադառնաք։

— Վաղը։

Նա վզից ինչ-որ բան հանեց ու դրեց ձեռքս։

— Սա սուրբ Անտոնիոսն է,— ասաց նա։— Վաղը երեկոյան եկեք։

— Դուք կաթոլիկ չեք, այլնպես չէ՞։

— Ոչ։ Բայց ասում են, որ սուրբ Անտոնիոսը շատ է օգնում։

— Ես սա կպահեմ ի սեր Կետրինի։ Մնաք բարով։

— Ոչ,— ասաց նա,— ո՛չ, մնաք բարով։

— Լավ։

— Խելոք մնացեք և զգույշ եղեք։ Ոչ, այստեղ չի կարելի համբուրվել։ Չի կարելի։

— Շատ լավ։

Հետ նայեցի ու տեսա, որ Կետրինը կանգնած է աստիճաններին։ Նա ձեռքով արեց, իսկ ես օդային համբույր ուղարկեցի։ Նա կրկին ձեռքով արեց, իսկ հետո ծառուղին վերջացավ, նստեցի սանիտարական մեքենան ու մենք շարժվեցինք։ Սուրբ Անտոնիոսը մետաղյա սպիտակ տուփի մեջ էր։ Տուփը բացեցի ու թափ տվի ափիս մեջ։

— Սուրբ Անտոնիո՞սն է,— հարցրեց վարորդը։

— Այո։

— Ես էլ ունեմ։

Աջ ձեռքր հեռացրեց ղեկից, արձակեց համազգեստի կոճակը և շապիկի տակից հանեց մեդալիոնը։

— Տեսնո՞ւմ եք։

Սուրբ Անտոնիոսը դրեցի տուփի մեջ, հավաքեցի բարակ ոսկե շղթան ու տեղավորեցի ծոցագրպանումս։

— Չեք կախո՞ւմ։

― Ոչ։

— Ավելի լավ է կախեք։ Դա հենց կախելու համար է։

— Լավ,— ասացի ես։

Բացեցի ոսկե շղթայի ագույցը, անցկացրի վզիս ու կոկին փակեցի։ Սուրբը կախվեց համազգեստիս վրա, ես բաց արի օձիքս, արձակեցի վերնաշապկիս կոճակները ու տեղավորեցի մեդալիոնը։ Մեքենայում կրծքիս վրա անընդհատ գգում էի սուրբ Անտոնիոսի մետաղե պատյանը։ Բայց շուտով մոռացա նրա գոյությունը։ Իսկ վիրավորվելուց հետո այլևս երբեք չգտա։ Երևի ինչ֊որ մեկը վերցրել էր վիրակապական կայանում։

Կամուրջն անցնելուց հետո մենք արագացրինք ընթացքը, և քիչ անց առջևում երևաց մյուս մեքենաների հանած փոշին։ Ճանապարհը թեքվեց, ու մենք տեսանք երեք մեքենա, որոնք շատ փոքր էին թվում։ Փոշին ելնում էր անիվների տակից ու բարձրանում ծառերի միջով։ Մենք հասանք ու առաջ անցանք, իսկ հետո շրջվեցինք դեպի լեռներ տանող ճանապարհը։ Շարասյան հետ գնալն այնքան էլ տհաճ չէ, եթե նստած ես առաջին մեքենայում։ Ավելի հարմար տեղավորվեցի նստատեղին ու սկսեցի չորս կողմս դիտել։ Մենք անցնում էինք գետափնյա նախալեռներով, ու երբ ճանապարհը ձգվեց գեպի վեր, հյուսիսում երևացին բարձր լեռները, որոնց գագաթներին դեռ ձյուն կար։ Ետ նայեցի ու տեսա, թե ինչպես էին մյուս երեք մեքենաները, փոշու ամպերով իրարից բաժանված, բարձրանում լեռն ի վեր։ Մենք անցանք բեռնավորված ջորիների երկար քարավանի կողքով, որին ուղեկցում էին կարմիր ֆեսեր դրած մարդիկ։ Իտալական բերսալիներներն էին դրանք։

Ջորիների քարավանից հետո այլևս ոչինչ չհանդիպեցինք ճանապարհին, անցանք մի բլրից մյուսը, ապա իջանք գետահովիտ։ Ճամփի երկու եզրերին ծառեր էին շարված, և աջակողմյան ծառերի արանքից երևում էր գետը, ջուրը մաքուր էր, արագահոս և ոչ խորը։ Գետը ծանծաղ էր և, նեղլիկ վտակներ կազմած, հոսում էր ավազաշերտերի միջով, իսկ երբեմն, լույսի շողի նման, տարածվում էր ու լցվում գալքարերով ծածկված հունը։ Ափի մոտ տեսա խոր փոսեր, որոնց մեջ ջուրը երկնքի պես կապույտ էր։ Տեսա քարե աղեղնավոր կամուրջներ, դեպի ուր ձղվում էին գլխավոր ճանապարհից ճյուղավորվող արահետները, աեսա գյուղական քարե տներ, որոնց հարավային պատերի երկայնքով մեկ շարված էին տանձենիների աշտանակները, ինչպես նաև քարե ցածրիկ պատեր դաշտերում։ Երկար գնացինք հովտով, հետո շրջվեցինք ու նորից սկսեցինք սար բարձրանալ։ Ճանապարհը կտրուկ բարձրանում էր վեր, շագանակենու անտառի միջով ոլորվում ու պտտվում, վերջապես հավասարվելով լեռնաշարքին։ Անտառի միջից, հեռավոր հովտում, երևում էր արևի տակ փայլփլող գետի սահմանագիծը, որ երկու բանակները բաժանում էր իրարից։ Ահա և ռազմական քարքարոտ նոր ճանապարհը, որն անցնում էր լեռնակատարով, իսկ ես նայում էի հյուսիսի երկու լեռնաշղթաներին, որոնք մինչև ձյան շերտը մուգ էին ու կանաչ, իսկ ավելի վեր, արևի տակ՝ սպիտակ ու պայծառ։ Հետո, երբ ճանապարհը շարունակում էր անընդահատ բարձրանալ, տեսա երրորդ լեռնաշղթան, հավերժական ձյունով ծածկված և տարօրինակ ծալքերով կտրտված բարձրաբերձ լեռներ, որոնք կավճի պես ճերմակ էին։ Ավելի հեռվում էլի լեռներ կային, որոնք, դժվար է ասել, իսկապե՞ս երևում էին, թե ոչ։ Բոլորն էլ ավստրիական լեռներ էին, այդպիսի լեռներ մենք չունեինք։ Ճանապարհի առջևում, աջ կողմում, օղակաձև մի շրջադարձ կար ու, ծառերի արանքներից նայելով տեսա, թե ինչպես էր ճանապարհը շեշտակի գահավիժում դեպի ներքև։ Այդ ճանապարհով անցնում էին զինվորներ, բեռնատար մեքենաներ, ինչպես նաև լեռնային թնդանոթներ քարշ տվող ջորիներ, ու երբ մենք իջնում էինք ճանապարհի եզրով, հեռվից երևաց գետը, երկաթուղային հին կամուրջը և կողք-կողքի վազող կոճափայտերն ու ռելսերը, իսկ գետից այն կողմ, լեռան ստորոտին՝ փոքր քաղաքի ավերված տները, որ մենք պետք է գրավեինք։

Համարյա մութ էր, երբ ներքև իջանք ու թեքվեցինք դեպի գետափնյա գլխավոր ճանապարհը։

Գլուխ 9

Ճանապարհը խռնված էր մարդկանցով ու մեքենաներով, երկու կողմերում ձգված էին ճիլոպից ու ծղոտե խսիրից սարքված պահպանակներ, որոնք վերևից ևս ծածկված էին խսիրով, այդպես որ, կարծես կրկես էիր մտնում կամ բնիկների մի գյուղ։ Մենք դանդաղ առաջ էինք գնում խսիրածածկ թունելով և ի վերջո դուրս եկանք մերկ ու ամայի մի տարածություն, որտեղ մի ժամանակ երկաթուղային կայարան էր եղել։ Ճանապարհն այստեղ ավելի ցածր էր գետի մակարդակից, և նրա ամբողջ երկայնքով մեկ, հողաթմբերի մեջ, փորված էին թաքստոցներ, ուր տեղավորվել էր հետևակը։ Արևը մայր էր մտնում, ու հողաթմբերի վրայից երևում էր, թե ինչպես հանդիպակաց ափի լեռներում, մայրամուտի ֆոնի վրա, սևին էին տալիս ավստրիական հետախույզ օդապարիկները։ Մեքենաները թողեցինք աղյուսի գործարանի բակում։ Հնոցներն ու մի քանի խոր փոսեր օգտագործվում էին որպես վիրակապական կայաններ։ Երեք բժիշկ ծանոթ էին ինձ։ Գլխավոր բժիշկն ասաց, որ երբ հարձակումն սկսվի ու մեր մեքենաները բեռնավորվեն վիրավորներով, մենք նրանց կտեղափոխենք քողարկված ճանապարհով, հետո կբարձրանանք դեպի գլխավոր լեռնանցքը, ուր մի պահակետ կա ու մի քանի մեքենա, որ սպասում են նրանց։ Միայն թե խցանում չլինի։ Ուրիշ ճանապարհ չկար։ Ճանապարհը քողարկված էր, որովհետև լավ էր երևում ավստրիական ափից։ Այստեղ, աղյուսի գործարանի բակում, գետափի հողաթմբերը մեզ պաշտպանում էին հրացանի ու թնդանոթի կրակոցներից։ Գետի վրա քանդված մի կամուրջ կար։ Երբ ռմբակոծումն սկսվի, ևս մի կամուրջ կցցեն, ու զորքերի մի մասը գետը կանցնի ոլորանի կողմից, որտեղ ծանծաղ է ջուրը։ Մայորը կարճահասակ էր, դեպի վեր ոլորած բեղերով։ Մասնակցել էր լիբիական պատերազմին, վերքերի համար երկու ուսաթել ուներ։ Նա ասաց, որ եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, ինձ կներկայացնի պարգևատրման։ Ասացի՝ հուսով եմ, որ բարեհաջող կանցնի ու շնորհակալություն հայտնեցի ազնիվ վերաբերմունքի համար։ Հարցրի, չկա՞ արդյոք մի մեծ բլինդաժ, որտեղ վարորդները կարող են տեղավորվել։ Նա զինվորներից մեկին կարգադրեց առաջնորդել ինձ։ Գնացի նրա հետ, շուտով գտանք մի շատ հարմարավետ բլինդաժ։

Վարորդները գոհ մնացին, ու ես մենակ թողեցի նրանց։ Մայորը և ուրիշ երկու սպա ինձ խմելու հրավիրեցին։ Ռոմ խմեցինք, ու շատ մտերիմ մթնոլորտ ստեղծվեց։ Դրսում արդեն մթնում էր։ Հարցրի, թե երբ է սկսելու հարձակումը։ Ասացին՝ հենց որ մթնի։ Վերադարձա վարորդների մոտ։ Բլինդաժում նստած, զրույց էին անում։ Երբ ներս մտա, լռեցին։ Մի֊մի տուփ «Մակեդոնիա» տվեցի յուրաքանչյուրին, թույլ լցված սիգարետներ, որոնցից ծխախոտը թափվում էր, և ձխելուց առաջ հարկավոր էր ձայրերը ոլորել։ Մաներան վառիչը վառեց ու կրակ տվեց բոլորին։ Վառիչը Ֆիատի մարտկոցի տեսք ուներ։ Պատմեցի նրանց այն ամենը, ինչ լսել էի։

— Ինչո՞ւ գալու ժամանակ պահակետը չտեսաք,— հարցրեց Պասսինին։

— Հենց շրջադարձի մոտ էր։

— Զզվելի ճանապարհ է, հոգիներս պիտի հանի։

— Կաշիներս կքերթեն։

— Բա ինչ գիտես։

— Ինչ եք կարծում, չուտե՞նք, լեյտենանտ։ Էլ հետո չենք կարողանա։

— Գնամ, տեսնեմ,— ասացի ես։

— Այստե՞ղ մնանք, թե՞ կարող ենք դուրս գալ։

— Ավելի լավ է մնանք։

Վերադարձա մայորի բլինդաժը, և նա ասաց, որ դաշտային խոհանոցը շուտով տեղ կհասնի, և վարորդները թող գան մի-մի կտոր միս վերցնեն։ Կաթսայիկ էլ կտա, եթե չունեն։ Ասացի, թե որքան գիտեմ՝ ունեն։ Վերադարձա վարորդների մոտ և խոստացա, որ ուտելիքը հենց որ բերեն, իմաց կտամ նրանց։ Մանիերան ասաց, որ լավ կլիներ, եթե ռմբակոծումից առաջ բերեին։ Մինչև դուրս գալս նրանք լուռ էին։ Բոլորն էլ մեխանիկ էին և ատում էին պատերազմը։

Դուրս եկա մեքենաներն ստուգելու և իմանալու, թե ինչ էր կատարվում շուրջը, ապա վերադարձա բլինդաժ ու նստեցի չորս վարորդների մոտ։ Նստել էինք հատակին և, պատին թիկնած, ծխում էինք։ Դրսում գրեթե մութ էր։ Բլինդաժում գետինը տաք էր ու չոր, ու ես ուսերս հենեցի պատին, նստեցի գոտկատեղիս վրա ու թուլացրի մկաններս։

— Ովքե՞ր են հարձակման անցնելու,— հարցրեց Գավուցին։

— Բերսալյերները։

— Միա՞յն։

— Ինչքան գիտեմ՝ այո։

— Բայց այստեղ քիչ զորք կա։

— Իսկական հարձակումը երևի ուրիշ տեղ կլինի, իսկ սա պարզապես խորամանկություն է, ուզում են շեղել նրանց ուշադրությունը։

— Իսկ զինվորները գիտե՞ն այդ մասին։

— Չեմ կարծում։

— Իհարկե չգիտեն,— ասաց Մանիերան։— Եթե իմանան, հարձակման չեն գնա։

— Կգնան,— ասաց Պասսինին։— Բերսալյերները հիմար են։

— Քաջ են ու կարգապահ,— ասացի ես։

— Առողջ են և լայնաթիկունք։ Բայց, մեկ է, հիմար են։

— Իսկ ռմբաձիգները բարձրահասակ են,— ասաց Մանիերան։

Դա կատակ էր։ Բոլորը ծիծաղեցին։

— Դուք այստե՞ղ էիք, tenente, երբ նրանք հրաժարվեցին կռվել ու յուրաքանչյուր տասին գնդակահարեցին։

― Ոչ։

— Ճիշտ եմ ասում։ Շարք կանգնեցրին ու յուրաքանչյուր տասներորդին դուրս հանեցին։ Կարաբինավորները գնդակահարեցին նրանց։

— Կարաբինավորները,— ասաց Պասսինին ու թքեց գետնին,— իսկ ռմբաձիգները․․․ Վեց ոտնաչափ բոյ ունեն։ Եվ հրաժարվել են կռվել։

— Եթե բոլորն էլ հրաժարվեն, պատերազմը կվերջանա,— ասաց Մաներան։

— Ռմաբձիգներն այդ մասին չեն էլ մտածել։ Վախեցել են։ Բոլոր սպաներն էլ ազնվական ընտանիքներից էին։

— Մի քանիսը մենակ գնացին։

— Սերժանտը երկու սպաների կրակեց, որովհետև չէին ուզում գնալ։

— Մի քանի զինվորներ էլ գնացին։

— Նրանց շարք չկանգնեցրին, երբ գնդակահարում էին յուրաքանչյուր տասից մեկին։

— Գնդակահարվողներից մեկն իմ հայրենակիցն էր,— ասաց Պասսինին։— Խոշոր, գեղեցիկ, բարձրահասակ, իսկական ռմբաձիգ։ Միշտ Հռոմում էր։ Միշտ աղջիկների հետ։ Միշտ կարաբինավորների հետ։— Նա ծիծաղեց։— Հիմա նրա տան առաջ սվինով ժամապահ է կանգնած, ոչ ոք չի կարող այցելել հորն ու մորը, քույրերին, հայրը զրկված է քաղաքացիական իրավունքներից, նույնիսկ քվեարկելու իրավունքից։ Օրենքն այլևս չի պաշտպանում այդպիսիներին։ Ում խելքին փչի, կարող է թալանել նրանց։

— Եթե ընտանիքի վախը չլիներ, ոչ ոք էլ չէր կռվի։

— Դու քեզ տես։ Ալպիականները կկռվեն։ Վիտտորիո Էմմանուելի գունդը կկռվեր։ Բերսալյերների մի մասն էլ կկռվեր։

— Բայց ախր բերսալյերներն էլ փախան։ Հիմա մոռանալ են ձևանում։

— Դուք իզուր եք նման խոսակցություններ թույլ տալիս, tenente։ Evviva l'esereito,― հեգնեց Պասսինին։

— Այսպիսի խոսքեր շատ եմ լսել,— ասացի ես։— Բայց քանի դեռ ղեկին եք նստած և գործ եք անում․․․

― ․․․Եվ չեք խոսում ուրիշ սպաների ներկայությամբ,— լրացրեց Մաներան։

— Կարծում եմ, որ պատերազմը պետք է ավարտին հասցնել, — ասացի ես։— Պատերազմը չի վերջանա, եթե կողմերից մեկը դադարի կռվել։ Եթե կռիվը դադարեցնենք, ավելի վատ կլինի։

― Ավելի վատ չի կարող լինել,— հարգալիր ասաց Պասսինին։— Պատերազմից վատ բան չկա։

— Պարտությունն ավելի վատ է։

— Հազիվ թե,— նույն հարգալիրությամբ ասաց Պասսինին։— Ի՞նչ է նշանակում պարտություն։ Տո՛ւն գնալ։

— Թշնամին կհետապնդի։ Կվերցնի ձեր տունը։ Կվերցնի ձեր քույրերին։

— Դժվար թե,— ասաց Պասսինին։— Ամեն մեկի հետևից չեն գնա։ Թող ամեն մարդ պաշտպանի իր տունը։ Թող տանը պահի իր քույրերին։

— Կկախեն ձեզ։ Նորից զինվոր կդարձնեն։ Ոչ թե սանիտարական տրանսպորտ, այլ հետևակ։

— Բոլորին չեն կարող կախել։

— Ոչ մի օտար պետություն չի կարող ստիպել, որ կռվես իր համար,— ասաց Մաներան։— Հենց առաջին ճակատամարտում բոլորը կփախչեն։

— Չեխերի նման։

— Դուք պարզապես չգիտեք, թե ինչ բան է պարտությունը, դրա համար էլ կարծում եք, որ դա այնքան էլ վատ չէ։

— Tenente,― ասաց Պասսինին,— ինչքան հասկացա, դուք թույլ եք տալիս խոսելու։ Դե հիմա լսեք։ Պատերազմից վատ բան չկա։ Սանիտարական ջոկատում մենք չենք էլ կարող հասկանալ, թե դա ինչ ահավոր բան է։ Իսկ եթե մարդիկ հասկանան, էլ չեն կարողանա աոաջն առնել, որովհետև կխելագարվեն։ Շատերը չեն էլ հասկանա։ Շատերը վախենում են իրենց սպաներից։ Հենց այդպիսի մարդկանցով են պատերազմ վարում։

— Գիտեմ, որ պատերազմը ահավոր բան է, բայց պետք է ավարտին հասցնել։

— Ավարտ չունի։ Պատերազմը վերջ չունի։

— Ունի։

Պասսինին բացասաբար շարժեց գլուխը։

— Պատերազմը հաղթանակով չեն շահում։ Ասենք թե Սան Գաբրիելեն վերցրինք։ Ասենք, վերցրինք Կարսոն, Մոնֆալկոնեն, Տրիեստը։ Հետո՞։ Այսօր ամենքդ էլ տեսա՞ք այս հեռավոր լեռները։ Չլինի՞ կարծում եք, որ բոլորն էլ կարող ենք վերցնել։ Միայն այն դեպքում՝ եթե ավստրիացիները դադարեն կռվել։ Կողմերից մեկը պետք է դադարի։ Ինչո՞ւ հենց մենք չենք դադարում։ Եթե նրանք Իտալիա հասնեն, կհոգնեն ու կհեռանան։ Նրանք հայրենիք ունեն։ Բայց ո՜նց կլինի, պիտի կռվեն, չէ՞։

— Դուք իսկական հռետոր եք։

— Մենք մտածում ենք։ Կարդում ենք։ Գյուղացի չենք։ Մեխանիկ ենք։ Բայց նույնիսկ գյուղացիներն էլ արդեն գիտեն, որ չի կարելի պատերազմին հավատալ։ Բոլորն էլ ատում են այս պատերազմը։

— Երկիրը ղեկավարում է մի այնպիսի դասակարգ, որ բութ է, ոչինչ չի հասկանում ու երբեք էլ չի հասկանա։ Այ թե ինչի ենք կռվում։

— Դեռ փող էլ են դիզում պատերազմի հաշվին։

— Մեծ մասն այդ էլ չի անում,— ասաց Պասսինին։— Շատ բութ են։ Կռվում են հենց այնպես, հիմարությունից։

— Դե լավ։ Հերիք է,— ասաց Մաներան։— Նույնիսկ tenente-ի համար այսքանը շատ էր։

— Ինչու, նրան դուր է գալիս,— ասաց Պասսինին։— Մենք նրան կրոնափոխ կանենք։

— Tenente, ուտելու բան չե՞ն տալու,— հարցրեց Գավուցին։

— Գնամ տեսնեմ,— ասացի ես։

Գորդինին վեր կացավ ու դուրս եկավ ինձ հետ։

— Ես ոչինչ չե՞մ կարող անել, tenente: Չե՞մ կարող օգնել ձեզ։

Վարորդների մեջ ամենահանգիստ մարդն էր նա։

— Եթե ուզում եք, ինձ հետևեք,― պատասխանեցի ես։— Տեսնենք ի՞նչ են ասում։

Դրսում արդեն մութ էր, և լուսարձակների երկար ճառագայթներն ընկել էին լեռների վրա։ Մեր ռազմաճակատում խոշոր լուսարձակներ էին դնում բեռնատար ավտոմեքենաների վրա ու, երբեմն, գիշերը դիրքերի կողքով անցնելիս, կարելի էր տեսնել ճանապարհից մի կողմ քաշված ինչ-որ բեռնատար, լույսը կարգավորող մի սպայի և վախեցած զինվորների։ Մենք անցանք աղյուսի գործարանի բակով ու կանգ առանք վիրակապական գլխավոր կայանի մոտ։ Մուտքը ծածկված էր կանաչ ճյուղերով, ու գիշերվա խավարի մեջ քամին խշխշացնում էր արևից խանձված տերևները։ Ներսում լույս կար։ Մայորը նստել էր արկղի վրա ու խոսում էր հեռախոսով։ Բժիշկներից մեկն ինձ ասաց, որ հարձակումը մեկ ժամով հետաձգվել է։ Նա ինձ կոնյակ առաջարկեց։ Նայեցի ճաշասեղաններին, լույսի տակ փայլփլող վիրաբուժական գործիքներին, կոնքերին ու հարմարեցված խցաններով շշերին։ Գորդինին կանգնել էր իմ ետևում։ Մայորը հեռացավ հեռախոսից։

— Հիմա է սկսվելու,— ասաց նա։— Որոշեցին չհետաձգել։

Դուրս նայեցի։ Մութ էր, և ավստրիական լուսարձակների ճառագայթները ընկել էին հանդիպակաց լեռների վրա։ Մի պահ դեռևս լուռ էր, հետո բոլոր թնդանոթները միանգամից սկսեցին կրակել։

— Սավոյա,— ասաց մայորը։

— Ապուրը, մայոր,— ասացի ես։

Չլսեց։ Կրկնեցի։

— Դեռ չեն բերել։

Մի մեծ ռումբ ընկավ ու պայթեց գործարանի բակում։ Եվս մի ռումբ պայթեց և այդ աղմուկի մեջ կարելի էր լսել փշրվող աղյուսի և անձրևի պես թափվող ցեխագնդերի ավելի թույլ ձայնը։

— Ինչ կա ուտելու։

— Մի քիչ pasta asciutta ունենք,— ասաց մայորը։

— Ինչ կարող եք, տվեք։

Մայորն ինչ-որ բան ասաց սանիտարներից մեկին, որը գնաց դեպի սրահի խորքը և քիչ անց մետաղյա ամանով սառը մակարոն՝ բերեց։ Ամանը տվեցի Գորդինիին։

— Պանիր չունե՞ք։

Մայորը, քրթմնջալով, էլի ինչ-որ բան ասաց սանիտարին, որը նորից գնաց դեպի սրահի խորքը և բերեց քառորդ գլուխ սպիտակ պանիր։

— Շատ շնորհակալ եմ,— ասացի ես։

— Ավելի լավ է դուրս չգաք։

Դրսում երկու սանիտարներ ինչ-որ բան դրեցին մուտքի առաջ։ Նրանցից մեկը ներս նայեց։

— Այստեղ բերեք,— ասաց մայորը։― Ինչ եք կանգնել։ Ուզում եք, որ ինքնե՞րս բերենք։

Սանիտարները բռնեցին վիրավորի թևերից ու ոտքերից և ներս բերեցին։

— Թևերը պատռեք,— ասաց մայորը։

Ձեռքին պինցետ կար, պինցետի ծայրին՝ մառլյայի վիրակապ։ Մյուս երկու բժիշկները հանում էին իրենց բաճկոնները։

— Դուրս եկեք,— մայորն ասաց սանիտարներին։

— Գնանք,— ասացի ես Գորդինիին։

— Ավելի լավ է սպասեք մինչև ռմբակոծումն ավարտվի,— մայորն ասաց ուսի վրայից։

— Մարդիկ սոված են,— ասացի ես։

— Ինչպես ուզում եք։

Դուրս եկանք գործարանի բակն ու սկսեցինք վազել։ Գետափին մի ռումբ պայթեց։ Հետո ևս մի ռումբ, որ չլսեցինք, մինչև որ հանկարծ օդը սաստիկ ճնշեց մեզ։ Երեսնիվար պառկեցինք գետնին և աղմուկի ու որոտի մեջ լսեցինք արկի բեկորների դժժոցն ու ընկնող աղյուսների թրխկոցը։ Գորդինին վեր կացավ ու վազեց դեպի բլինդաժը։ Ես էլ վազեցի նրա ետևից, դեռ ձեոքիս պահելով պանիրը, որի հարթ մակերեսը ծածկվել էր աղյուսի փոշով։ Բլինդաժում երեք վարորդները պատերի տակ նստած՝ ծխում էին։

― Համեցեք, հայրենասերներ,— ասացի ես։

— Մեքենաներն ի՞նչ վիճակում են,— հարցրեց Մաներան։

— Կարգին են։

— Վախեցա՞ք, tenente։

— Ինչ մեղքս թաքցնեմ։

Հանեցի դանակս, բաց արի, սրբեցի ծայրը, մաքրեցի պանրի վերին շերտը։ Գավուցին ինձ մեկնեց պնակը։

— Դուք սկսեք, tenente։

― Ոչ,— ասացի ես։— Դրեք հատակին։ Միասին կուտենք։

— Պատառաքաղ չկա։

— Գլուխը քարը,— ասացի անգլերեն։

Կտրտեցի պանիրը ու դրեցի մակարոնի վրա։

— Նստեք, ուտենք,— ասացի ես։

Նստեցին ու սկսեցին սպասել։ Մատներով մտա պնակի մեջ ու մակարոն վերցրի։ Ահագին մակարոն։

— Շատ բարձրացրեք, tenente։

Ձեռքս բարձրացրի մինչև ուսս, և մակարոնի մեծ մասը թափվեց։ Դրեցի բերանս, շրթունքներով մինչև վերջ ներս քաշեցի ու ծամեցի, հետո մի կտոր պանիր վերցրի, ծամեցի, հետո էլ գինի խմեցի։ Գինուց ժանգոտ համ էր գալիս։ Տափաշիշը մեկնեցի Պասսինիին։

— Զզվելի է,— ասաց նա։— Երկար է մնացել շշի մեջ։ Մեքենայում էի պահել։

Բոլորն էլ, ծնոտները պնակին մոտեցրած, գլուխները ետ գցած, ուտում էին մակարոնը և շրթունքներով ներս քաշում ծայրերը։ Ես մի անգամ էլ վերցրի մատներով, մի կտոր պանիր կերա ու գինի խմեցի։ Դրսում ինչ֊որ բան դրմփաց ու ցնցեց գետինը։

— Չորս հարյուր քսան միլիմետրանոց է կամ ականանետ,— ասաց Գավուցին։

― Լեռներում չորս հարյուր քսան միլիմետրանոց չի լինում,— ասացի ես։

— Նրանք մեծ Շկոդաներ ունեն։ Ձագարներն աչքովս եմ տեսել։

— Երեք հարյուր հինգ միլիմետրանոց են։

Շարունակեցինք ուտել։ Լսվեց հազի նման մի ձայն ու թշշոց, կարծես շոգեքարշ էր ճամփա ընկել, հետո՝ պայթյուն, և գետինը նորից ցնցվեց։

— Բլինդաժն այնքան էլ խորը չէ,— ասաց Պասսինին։— Այ, սա արդեն ականանետ էր։

— Այո, սըր։

Կերա պանրի մնացորդը և մի ումպ գինի խմեցի։ Աղմուկի մեջ լսեցի հազի ձայն, հետո՝ չուհ֊չուհ֊չուհ, չուհ, հետո՝ փայլակ, կարծես դոմնայի դուռն էր հանկարծ բացվել, հետո՝ մռնչյուն, նախ՝ սպիտակ, ապա, սրընթաց մրրիկի մեջ՝ կարմիր, կարմիր, կարմիր։ Փորձեցի շնչել, բայց շունչ չկար և զգացի, որ պոկվել կամ ինքս ինձնից, պոկվել, պոկվել, պոկվել և անընդհատ թռչում եմ մրրիկի մեջ։ Արագ էի թռչում, իմ ամբողջությունն էր թռչում, գիտեր, որ մեռած եմ և որ իզուր են կարծում, թե պարզապես մեռնում են և ուրիշ ոչինչ։ Հետո լողացի օդում ու, փոխանակ առաջ շարժվելու, սկսեցի ետ սահել։ Շունչ քաշեցի ու զգացի, որ վերադարձել եմ դեպի իմ մարմինը։ Հողը տակնուվրա էր եղել ու հենց գլխիս մոտ քայքայված մի գերան էր ընկած։ Գլուխս ցնցվեց, ու հանկարծ լացի ձայն լսեցի։ Կարծես ինչ-որ մեկը գոռաց։ Փորձեցի շարժվել, բայց չկարողացա։ Գետից այն կողմ և գետի ամբողջ երկայնքով մեկ կրակում էին գնդացիրներն ու հրացանները։ Ուժեղ ժայթքում լսվեց, ու տեսա, թե ինպես սրընթաց բարձրացան լուսավորող ռումբերը, պայթեցին և ամեն ինչ հեղեղեցին սուտակով, և հրթիռները թռան, և ականները որոտացին, և այս բոլորը մի ակնթարթում, հետո լսեցի, ինչպես կողքիս ինչ-որ մեկը մրմնջաց․ «Mamma mia! O, mamma mia!»։ Ես ձգվեցի ու գալարվեցի, ի վերջո ազատեցի ոտքս, շրջվեցի ու ձեռք տվի նրան։ Պասսինին էր, ու երբ նրան ձեռք տվի, նա գոռաց։ Պառկել էր հակառակ ուղղությամբ, ոտքերը դեպի ինձ, և ես խավարի ու լույսի մեջ տեսա, որ ծնկներից վեր նրա ոտքերը ջախջախված էին։ Մի ոտքը լրիվ կտրված էր, իսկ մյուսը կախվել էր ջլերից ու տաբատի ցնցոտիներից և ջղաձգորեն ցնցվում էր, կարծես ոչ մի կապ չուներ մարմնի հետ։ Նա կծեց ձեռքը ու տնքաց, «O, mamma mia, mamma mia», հետո՝ «Dio ti salvi, Maria․ Dio ti salvi, Maria» Օ, Հիսուս, հոգիս առ, Քրիստոս, հոգիս առ, Քրիստոս, հոգիս առ, mamma mia, mamma mia։ Օ, ամենասուրբ Մարիամ, հոգիս առ։ Էլ չեմ կարող։ Չեմ կարող։ Չեմ կարող։ Օ, Հիսուս, սուրբ Աստվածամայր, չեմ կարող։ Օ-օ-օ-օ», հետո՝ շնչահեղձ․ «Mamma, mamma mia»։ Հետո լռեց, կծեց ձեռքը, իսկ ոտքը դեռ ցնցվում էր։

— Porta feriti!,— գոռացի ես, ափերս շրթունքներիս տանելով,— porta feriti!

Փորձեցի սողալով մոտենալ Պասսինիին, որպեսզի տուրնիկետ դնեմ ոտքերին, բայց չկարողացա։ Նորից փորձեցի, և այս անգամ ոտքերս մի փոքր շարժվեցին։ Հիմա արդեն կարող էի արմունկների օգնությամբ առաջ գնալ։ Պասսինին լռել էր։ Նստեցի կողքին, քանդեցի բաճկոնիս կոճակներն ու աշխատեցի պատռել շապիկիս ծայրը։ Չկարողացա և, ստիպված, ատամներով պատռեցի։ Հետո հիշեցի փաթաթանների մասին։ Ես բրդյա գուլպա էի հագնում, իսկ նա՝ փաթաթան։ Բոլոր վարորդներն էլ փաթաթան են հագնում։ Բայց Պասսինին միայն մի ոտք ուներ։ Սկսեցի քանդել փաթաթանը, բայց հանկարծ զգացի, որ տուրնիկետ դնելն այլևս իմաստ չուներ, որովհետև նա մեռած էր արդեն։ Մի անգամ էլ նայեցի ու համոզվեցի, որ մեռած էր։ Հարկավոր էր պարզել, թե որտեղ էին մյուս երեքը։ Ուղղեցի մարմինս և հենց այդ ժամանակ ինչ֊որ բան, տիկնիկի աչքերի ծանրաքարերի պես, շարժվեց գլխիս մեջ և ներսից խփեց ակնագնդերիս։ Ոտքերիս վրա ինչոր տաք և թաց բան զգացի, կոշիկներս նույնպես տաք էին ու թաց։ Հասկացա, որ վիրավորված եմ, կռացա և ձեռքս դրի ծնկիս։ Ծունկ չկար։ Ձեռքս առաջ տարա և սրունքոսկրից ցած գտա ծունկս։ Ափերս քսեցի շապիկիս և ինչ֊որ տեղից, դարձյալ դանդաղորեն, սպիտակ լույս սփռվեց շուրջս, նայեցի ոտքերիս ու սարսափ զգացի։ «Օ՜, աստված,— ասացի ես,— ազատիր ինձ այստեղից։ Բայց և այնպես գիտեի, որ էլի երեք հոգի կային։ Չորս վարորդներ էին։ Պասսինին մեռած էր։ Մնացել էին երեքը։ Ինչ֊որ մեկը բռնեց իմ թևերից, իսկ մեկը ուրիշը՝ ոտքերիցս։

— Երեք հոգի էլ կան,— ասացի ես։— Մեկը մեռած է։

— Ես եմ, Մաներան է։ Գնացինք պատգարակ ճարելու, բայց չկար։ Ինչպե՞ս եք։

— Որտե՞ղ են Գորդինին, Գավուցին։

— Գորդինին սանիտարների մոտ է, վերքերն են կապում։ Գավուցին ձեր ոտքերից է բռնել։ Վիզս գրկեք, tenente։ Ծա՞նր եք վիրավորված։

— Ոտքերս։ Ի՞նչ էր պատահել Գորդինիին։

— Լավ պրծավ։ Արկի բեկոր էր կպել։

— Պասսինին սպանված է։

— Այո։ Սպանված է։

Կողքին մի արկ պայթեց, երկուսն էլ ինձ գցեցին ու պառկեցին գետնին։

— Ներեցեք, tenente,— ասաց Մաներան։— Վզիցս բռնեք։

— Նորից կգցեք։

― Վախից էր, tenente։

― Չե՞ք վիրավորված։

— Երկուսս էլ թեթև վիրավորվել ենք։

— Գորդինին կարո՞ղ է քշել։

— Դժվար թե։

Մինչև վիրակապական կայան հասնելը մի անգամ էլ գցեցին ինձ։

— Շան որդիներ,— ասացի ես։

— Ներեցեք, tenente,— ասաց Մանիերան։— Էլ չենք գցի։

Վիրակապական կայանի բակում, խավարի մեջ, պառկած էին բազում վիրավորներ։ Ներս ու դուրս էին տանում նրանց։ Երբ կայանի վարագույրը բացվում ու որևէ մեկին ներս էին տանում կամ դուրս բերում, մի պահ այնտեղից լույս էր երևում, հետո նորից կորչում։ Մեռածներին մի կողմ էին տարել։ Բժիշկներն աշխատում էին թևերը մինչև ուսերը քշտած և կարմրել էին մսագործի պես։ Պատգարակները քիչ էին։ Վիրավորներից ոմանք տնքում էին, բայց մեծ մասամբ լուռ պառկել էին։ Քամին շարժում էր կայանի մուտքը ծածկող ճյուղերի տերևները։ Սկսում էր ցրտել։ Սանիտարներն անընդհատ գալիս էին, պատգարակները գետնին դնում, դատարկում ու նորից գնում։ Հենց որ վիրակապական կայան հասանք, Մանիերան բուժակ բերեց, և նա կապեց ոտքերս։ Ասաց, որ արյան կորուստն աննշան է, որովհետև վերքի մեջ մեծ քանակությամբ կեղտ է հավաքվել։ Հենց որ հնարավոր լինի, ինձ կտանեն վիրահատման։ Նա վերադարձավ կայան։ Մանիերան ասաց, որ Գորդինին չի կարող քշել։ Ուսն էր ճզմվել, և գլուխն էր վիրավորվել։ Սկզբում ցավ չէր զգացել, բայց հիմա ուսը բթացել էր։ Նա նստել էր աղյուսե պատի վրա։ Մանիերան և Գավուցին մեքենաները լցրին վիրավորներով ու գնացին։ Վերքերը չէին խանգարում նրանց։ Անգլիական երեք ավտոմեքենա եկավ, յուրաքանչյուրի մեջ՝ երկուական սանիտար։ Վարորդներից մեկը մոտեցավ ինձ։ Նրան բերեց Գորդինին, որը շատ դժգույն էր և հիվանդ տեսք ուներ։ Անգլիացի վարորդը կռացավ ինձ վրա։

— Ծա՞նր եք վիրավորված,― հարցրեց նա։ Բարձրահասակ էր, դրել էր պողպատե ակնոց։

— Ոտքերս են․․․

— Հուսով եմ, որ ծանր չէ։ Ուզո՞ւմ եք ծխել։

— Շնորհակալություն։

― Լսել եմ, որ երկու վարորդ եք կորցրել։

― Այո։ Մեկն սպանված է, իսկ մյուսն այն տղան է, որ բերեց ձեզ։

— Այ քեզ անիծյալ բախտ։ Թույլ կտա՞ք մեքենաները վերցնել։

— Ես էլ հենց այդ էի ուզում խնդրել։

— Լավ կպահենք ու կվերադարձնենք։ Դուք 206-ից եք, չէ՞։

— Այո։

— Հոյակապ տեղ է։ Քաղաքում տեսել եմ ձեզ։ Ասացին, որ ամերիկացի, եք։

— Այո։

— Իսկ ես անգլիացի եմ։

— Իսկապե՞ս։

— Այո, անգլիացի։ Կարծում էիք իտալացի՞ եմ։ Մեր ջոկատներից մեկում իտալացիներ կան։

― Շատ լավ կլինի, եթե վերցնեք մեքենաները,— ասացի ես։

— Անհոգ եղեք, լավ կպահենք,— նա ուղղվեց։— Ձեր վարորդը շատ խնդրեց, որ համոզեմ ձեզ։

Նա թփթփացրեց Գորդինիի ուսը։ Գորդինին ետ քաշվեք ու ժպտաց։ Անգլիացին վարժ և սահուն էր խոսում իտալերեն։

— Ամեն ինչ կարգին է։ Համաձայնության եկանք քո tenente-ի հետ։ Երկու մեքենան էլ կվերցնենք։ Կարող ես արդեն հանգիստ լինել։— Նա ընդհատեց խոսքը։— Պետք է մի կերպ ձեզ դուրս բերել այստեղից։ Գնամ խոսեմ բժիշկների հետ։ Մեզ հետ կտանենք ձեզ։

Նա գնաց դեպի վիրակապական կայան, զգուշությամբ անցնելով վիրավորների արանքներով։ Տեսա, թե ինչպես բացվեց մուտքի ծածկույթը, մի պահ լույս երևաց, ու նա ներս մտավ։

— Նա կհոգա ձեր մասին, tenente,— ասաց Գորդինին։

— Ինչպե՞ս եք, Ֆրանկո։

— Լավ եմ, ոչինչ։

Նստեց կողքիս։ Մի պահ կայանի մուտքի ծածկույթը նորից բացվեց, դուրս եկան երկու սանիտարներ, իսկ նրանք ետևից՝ բարձրահասակ անգլիացին։ Նա ինձ մոտ բերեց նրանց։

— Սա է ամերիկացի tenente-ն,— իտալերեն ասաց նա։

— Կարող եմ սպասել,— ասացի ես։— Ավելի ծանր վիրավորներ կան։ Իմ վերքը թեթև է։

— Դե լավ, լավ,— ասաց նա։— Պետք չի հերոս ձևանալ։— Հետո՝ իտալերեն,— ոտքերն զգույշ բարձրացրեք, շատ են ցավում։ Նախագահ Ուիլսոնի օրինավոր զավակն է։

Նրանք ինձ բարձրացրին ու տարան վիրակապական կայան։ Բոլոր սեղանների վրա վիրահատում էին։ Փոքրամարմին գլխավոր բժիշկը զայրույթով մեզ նայեց։ Հետո ճանաչեց ինձ և, վիրաբուժական ունելին շարժելով, ողջունեց։

— Ça va bien?

— Ça va․

— Ես եմ նրան բերել,— իտալերեն ասաց բարձրահասակ անգլիացին։— Ամերիկյան դեսպանի միակ զավակն է։ Թող այստեղ պառկի, մինչև որ՝ ժամանակ գտնեք իրենով զբաղվելու։ Հետո հենց առաջին ռեյսով էլ կտանեմ նրան։— Կռացավ ինձ վրա։— Գնամ վերցնեմ ձեր փաստաթղթերը, որպեսզի գործն արագանա։

Դռան մոտ առաջ թեքեց մարմինն ու դուրս եկավ։ Գլխավոր բժիշկը քանդեց ունելին ու գցեց տաշտի մեշ։ Հետևում էի նրա շարժումներին։ Հիմա նա վիրակապում էր։ Սանիտարները վիրավորին վերցրին սեղանի վրայից։

— Բերեք ամերիկացի tenente-ին,— ասաց կապիտանի աստիճան ունեցող բժիշկներից մեկը։

Ինձ բարձրացրին սեղանի վրա։ Սեղանը կարծր էր ու սահուն։ Սաստիկ հոտեր էին տարածվել չորս կողմը, դեղերի և արյան քաղցր հոտ։ Տաբատս հանեցին և բժիշկը, շարունակելով աշխատել, սկսեց թելադրել օգնականին։

― Աջ և ձախ ազդրերի, աջ և ձախ ծնկների ու աջ ոտնաթաթի բազմաթիվ մակերեսային վերքեր։ Աջ ծնկի ու ոտնաթաթի խորը վերք։ Գլխի պատռվածքներ (մտցրեց վիրաբուժական ձողիկը և հարցրեց. «ցավո՞ւմ է» — «Օ, Հիսուս, այո») և գանգոսկրի հնարավոր ճեղքվածք։ Վիրավորվել է մարտի դաշտում, պարտականությունները կատարելիս։ Այստեղ գոնե ձեզ չեն մեղադրի կանխամտածված անդամախեղության համար և ռազմադաշտային դատարան չեն հանձնի,— ասաց նա — կոնյակ ուզո՞ւմ եք։ Եվ ընդհանրապես ի՞նչ էր փչել ձեր գլխին։ Ինքնասպանությո՞ւն։ Հակակարկամախտային շիճուկ տվեք և թերթիկի վրա խաչով նշեք երկու ոտքերը։ Շնորհակալություն։ Հիմա մի քիչ կմաքրեմ, կլվանամ ու կկապեմ։ Շատ լավ է մակարդվում ձեր արյունը։

Օգնականը, աչքերը հեռացնելով թերթիկից․

— Ինչի՞ց է վիրավորվել։

Բժիշկը.

― Ինչի՞ց վիրավորվել։

Ես, աչքերս փակ․

— Ականի բեկորից։

Բժիշկը հյուսվածքներն իրարից անջատելով և սուր ցավ պատճառելով․

— Վստա՞հ եք։

Ես, ճգնելով հանգիստ պառկել և զգալով, թե ինչպես է ստամոքսս ամեն անգամ թրթռում, երբ վիրադանակը մտնում է մարմնիս մեջ։

— Կարծում եմ։

Բժիշկը, հայտնաբերելով իրեն հետաքրքրող ինչ-որ բան․

— Թշնամու արկի բեկոր։ Եթե ուզում եք, կարող եմ նորից ձողիկ մտցնել, բայց կարիք չկա։ Հիմա կքսեմ այստեղ և․․․ Այրո՞ւմ է։ Սա ի՞նչ է որ, հետո ավելի վատ կլինի։ Ցավը դեռ չի սկսվել։ Մի բաժակ կոնյակ տվեք նրան։ Շոկը բթացնում է ցավը։ Բայց մի վախեցեք,— ամեն ինչ կարգին է, միայն թե վարակ չլինի, իսկ վարակ հազվադեպ է լինում։ Ձեր գլուխը ցավո՞ւմ է։

— Սարսափելի։

— Այդ դեպքում ավելի լավ է քիչ խմել։ Եթե ճեղքվածք կա, ուրեմն բորբոքում կսկսվի։ Այ, օրինակ այստեղ, ցավո՞ւմ է։

Ամբողջ մարմինս քրտինքով ծածկվեց։

— Օ, Հիսուս,— ասացի ես։

— Չէ, ուրեմն ճեղքվածք կա։ Ես հիմա կկապեմ, բայց դուք մի շարժեք գլուխը։

Սկսեց կապել։ Ձեռքերը գործում էին շատ արագ, և վիրակապն հետզհետե դառնում էր կիպ և ամուր։

— Պրծանք։ Բարի ճանապարհ և viva la France։

— Նա ամերիկացի է,— ասաց մի ուրիշ բժիշկ։

— Իսկ ինձ թվաց, թե ֆրանսիացի է։ Ֆրանսերեն է խոսում,— ասաց բժիշկը։— Ես առաջ էլ ճանաչում էի նրան։ Միշտ էլ կարծել էի, թե ֆրանսիացի է։— Կես բաժակ կոնյակ խմեց։— Իսկ հիմա ավելի ծանր վիրավորի բերեք։ Եվ էլի հակակարկամախտային շիճուկ։

Նա ձեռքով արեց։ Ինձ բարձրացրին ու տարան։ Դուրս գալու ժամանակ ծածկույթը քսվեց դեմքիս։ Բժշկի օգնականը ծնկի եկավ իմ կողքին։

— Ազգանո՞ւնը,— հարցրեց նա ցածրաձայն ։— Անո՞ւնը։ Տարիքը։ Աստիճա՞նը։ Ծննդավա՞յրը։ Ո՞ր զորամասից եք։ Ո՞ր կորպուսից,— և այլն։— Ցավում եմ, որ այդպիսի բան պատահեց, tenente։ Հուսով եմ, որ հիմա ավելի լավ եք։ Ես անգլիական սանիտարական մեքենայով կուղարկեմ ձեզ։

— Լավ եմ, շնորհակալություն,— ասացի ես։

Ցավը, որի մասին խոսել էր բժիշկը, արդեն սկսվեց, և այն ամենն, ինչ հիմա կատարվում էր շուրջս, կորցրել էր իր իմաստն ու նշանակությունը։ Քիչ անց եկավ անգլիական սանիտարական մեքենան, ինձ դրեցին պատգարակի վրա, հետո բարձրացրին մինչև թափքը և ներս հրեցին։ Կողքիս մի ուրիշ պատգարակ կար, որի վրա մի մարդ էր պառկած, ամբողջ դեմքը վիրակապված էր, միայն մոմանման քիթն էր երևում վիրակապերի արանքից։ Ծանր էր շնչում։ Էլի մի քանի պատգարակ բարձրացրին ու դրեցին ձգափոկերի վրա։ Անգլիացի բարձրահասակ վարորդը մոտեցավ թափքին ու ներս նայեց։

— Կամաց կքշեմ,— ասաց նա։— Հուսով եմ գոհ կմնաք։

Զգացի, թե ինչպես շարժիչն սկսեց աշխատել, գդացի, թե ինչպես վարորդը բարձրացավ խցիկ ու նստեց, զգացի, թե ինչպես անջատեց արգելակը, ընթացք տվեց, ու մենք ճամփա ընկանք։ Անշարժ պառկել էի ու անձնատուր եղել ցավին։

Զառիվերի վրա մեքենան դանդաղեցրեց ընթացքը, երբեմն կանգ էր առնում, շրջադարձի մոտ երբեմն մի փոքր ետ գնում, հետո, վերջապես, սկսեց բավական արագ բարձրանալ։ Զգացի, որ վերևից ինչ-որ բան էր կաթկթում վրաս։ Սկզբում՝ դանդաղ ու համաչափ, իսկ հետո՝ շիթերով։ Ձայն տվի վարորդին։ Նա կանգնեցրեց մեքենան և նայեց խցիկի պատուհանից։

— Ի՞նչ կա։

— Վիրավորն արյունահոսություն ունի։

— Քիչ մնաց մինչև գագաթը։ Մենակ չեմ կարող պատգարակը հանել։

Մեքենան շարժվեց։ Շիթն անընդհատ թափվում էր։ Մթության մեջ անհնար էր տեսնել, թե բրեզենտի որ մասից էր թափվում։ Փորձեցի մի կողմ քաշվել։ Շապիկիս այն մասը, որի վրա թափվել էր արյունը, տաք էր ու կպչուն։ Մրսում էի, և ոտքս այնքան էր ցավում, որ անընդհատ խառնում էր սիրտս։ Քիչ անց վերևից թափվող արյունը պակասեց և նորից սկսեց կաթկթել, ու ես լսեցի և զգացի, թե ինչպես պատգարակի բրեզենտը սկսեց շարժվել, կարծես մարդը փորձում էր ավելի հարմար տեղավորվել։

— Ինչպե՞ս է վիրավորը,— գլուխը շրջելով, հարցրեց անգլիացին։— Հասնում ենք արդեն։

— Ինձ թվում է, մեռավ։— ասացի ես։

Կաթիլներն ընկնում էին շատ դանդաղ, ճիշտ այնպես, ինչպես մայրամուտից հետո ջուրն է կաթկթում սառցալեզվակներից։ Մթության մեջ մեքենան բարձրանում էր սարը, և թափքում անչափ ցուրտ էր։ Պահակետի մոտ պատգարակը դուրս հանեցին, դրեցին մեկ ուրիշը, ու մենք շարունակեցինք ճանապարհը։

Գլուխ 10

Զինվորական հյուրանոցի պալատում ասացին, որ կեսօրից հետո ինձ մոտ գալու է մի այցելու։ Շոգ էր, և սենյակը լցված էր ճանճերով։ Սանիտարը թուղթը շերտերի բաժանեց, կապեց ձեռնափայտին և օգտագործելով որպես փոքրիկ ավել, սկսեց դրանով ճանճերին քշել։ Ես նայում էի, թե ինչպես են նրանք նստում առաստաղին։ Երբ նա դադարեց ավելը թափահարել ու քնեց, ճանճերն իսկույն ցած թռան, ու ես անընդհատ փչում էի, որ չկպչեն ինձ, բայց ի վերջո ձեռքերով ծածկեցի դեմքս և նույնպես քնեցի։ Շատ շոգ էր, ու երբ արթնացա, ոտքերս սաստիկ քոր էին գալիս։ Արթնացրի սանիտարին, ու նա հանքային ջուր թափեց վիրակապերիս վրա։ Անկողինը դարձավ զով ու խոնավ։ Արթուն հիվանդները զրույց էին անում պալատի մի ծայրից մյուսը։ Ճաշից հետո միշտ հանգիստ ժամեր էին։ Առավոտները երեք բուժակ մի֊մի բժիշկ հերթով մոտենում էին բոլոր մահճակալներին, բարձրացնում հիվանդներին և տանում վիրակապարան, որպեսզի վերքերը վիրակապելու ժամանակ հնարավոր լիներ անկողինները կարգի բերել։ Այդ ճամփորդությունն այնքան էլ հաճելի չէր, բայց այն ժամանակ ես դեռ չգիտեի, թե անկողինը նաև կարելի է սարքել նաև առանց հիվանդին տեղից շարժելու։ Սանիտարն արդեն թափել էր ամբողջ ջուրը, անկողինը դարձել էր զով ու հաճելի, և հենց այն է՝ ես բացատրում էի նրան, թե ոտնաթաթիս որ մասը քորի, երբ բժշկի ուղեկցությամբ ներս մտավ Ռինալդին։ Մտավ շատ արագ, կռացավ մահճակալիս վրա ու համբուրեց ինձ։ Նկատեցի, որ ձեռնոց էր հագել։

― Ինչ կա չկա, բեյբի։ Ինչպե՞ս եք։ Սա ձեզ համար եմ բերել ― մի շիշ կոնյակ էր։ Սանիտարը աթոռ բերեց, և նա նստեց։ ― Եվ մի լավ նորություն։ Պարգևատրվելու եք։ Ուզում են արծաթե մեդալ տալ, բայց գուցե միայն բրոնզ հաջողվի։

― Ինչի՞ համար։

― Որովհետև ծանր վիրավորվել եք։ Ասում են՝ եթե կարողանաք ապացուցել, որ սխրագործություն եք կատարել, արծաթ կստանաք։ Հակառակ դեպքում՝ բրոնզ։ Մանրամասն պատմեք։ Սխրագործություն արե՞լ եք։

― Ոչ, ― ասացի ես։ ― Երբ արկը պայթեց, պանիր էինք ուտում։

― Լուրջ պահեք ձեզ։ Դուք պետք է սխրագործություն արած լինեք կամ առաջ կամ հետո։ Լավ հիշեք։

― Ոչինչ էլ չեմ արել։

― Ոչ մեկին չե՞ք տարել ուսերի վրա։ Գորդինին ասում է, որ մի քանի հոգու եք տարել, բայց առաջին պահակետի գլխավոր բժիշկը հայտարարեց, որ անհնար էր այդպիսի բան անել։ Իսկ պարգևատրման զեկուցագիրը նա պետք է ստորագրի։

― Ոչ ոքի էլ չեմ տարել։ Շարժվել անգամ չէի կարող։

― Դա կարևոր չէ, ― ասաց Ռինալդին։

Նա հանեց ձեռնոցները։

― Հուսով եմ, արծաթ կհաջողացնենք։ Գուցե հրաժարվե՞լ եք բժշկական օգնությունից և ուրիշների՞ն եք զիջել ձեր հերթը։

― Ոչ այնքան վճռական։

― Դա կարևոր չէ։ Իսկ ձեր վերքե՞րը։ Իսկ ձեր արիությո՞ւնը, չէ՞ որ անընդհատ խնդրում էիք, որ առաջին գիծ տանեն ձեզ։ Բացի այդ, օպերացիան հաջողությամբ ավարտվեց։

― Ուրեմն, կարողացա՞ն գետն անցնել։

― Այն էլ ինչպես։ Մոտ հազար գերի են բռնել։ Տեղեկաթերթիկում է գրված։ Չե՞ք կարդացել։

― Ոչ։

― Կբերեմ։ Դա փառավոր coup de main[13] էր։

― Ձեզ մոտ ի՞նչ կա։

― Լավ է։ Ամեն ինչ լավ է։ Բոլորն էլ հպարտանում են ձեզնով։ Մանրամասն պատմեցեք։ Վստահ եմ, որ արծաթ կստանաք։ Դե սկսեք։ Ամեն ինչ հերթով պատմեցեք։ ― Լռեց ու մտքերի մեջ ընկավ։ ― Գուցե անգլիական մեդալ ստանաք։ Այնտեղ մի անգլիացի կար։ Կգամ, կհարցնեմ․ չի՞ համաձայնի արդյոք ձեր մասին հանձնարարական տալ։ Կարծում եմ, որ եթե ուզենա, կարող է մի բան անել։ Շա՞տ է ցավում։ Մի քիչ խմեք։ Սանիտար, խցանահան բերեք։ Օ, պիտի տեսնեիք, թե ինչպես եմ մի հիվանդից երեք մետր բարկա աղիք հանել։ Իսկական «Լանցետում» գրելու բան է։ Դուք կթարգմանեք, իսկ ես կուղարկեմ։ Օրըստօրե կատարելագործվում եմ։ Իմ խեղճ, իմ սիրելի բեյբի, ինչպե՞ս եք։ Ո՞ւր մնաց այդ անիծյալ խցանահանը։ Դուք այնքան լուռ եք, ու համբերատար, որ նույնիսկ մոռանում եմ ձեր վերքերի մասին։

Ձեռնոցները խփեց մահճակալի ծայրին։

― Խնդրեմ, խցանահանը, signor tenente, ― ասաց սանիտարը։

― Բացեք շիշը։ Բաժակ բերեք։ Խմեք, բեյբի։ Ինչպե՞ս է ձեր խեղճ գլուխը։ Մի թեթև նայեցի հիվանդության պատմությունը։ Ճեղքվածք չունեք։ Առաջին պահակետի բժիշկը մսագործի մեկն էր։ Եթե ես անեի, բնավ ցավ չէիք զգա։ Իմ հիվանդներից ոչ մեկն էլ ցավ չի զգում։ Գիտեմ ինչ պիտի անել։ Օրըստօրե ավելի հեշտ ու թեթև եմ աշխատում։ Ներեցեք, որ այսքան շատ եմ խոսում, բեյբի։ Շատ եմ վշտացած, որ ծանր եք վիրավորվել։ Խմեք, խմեք։ Լավ կոնյակ է։ Հիսուն լիրա արժե։ Պետք է լավը լինի։ Հինգաստղանի է։ Հենց որ դուրս գամ, անգլիացու մոտ եմ գնալու, և նա անգլիական մեդալ կպոկի ձեզ համար։

― Դա այնքան էլ հեշտ բան չէ։

― Շատ համեստ եք։ Ես կապի սպային կուղարկեմ։ Նա կարողանում է անգլիացիների հետ լեզու գտնել։

― Տեսե՞լ եք միսս Բարկլիին։

― Ես նրան կբերեմ։ Հիմա կգնամ ու կբերեմ։

― Մի գնացեք, ― ասացի ես։ ― Գորիցիայի մասին պատմեք։ Լավ աղջիկներ կայի՞ն։

― Ոչ մի աղջիկ էլ չկար։ Արդեն երկու շաբաթ է, ինչ նոր աղջիկներ չեն գալիս։ Էլ չեմ գնում այնտեղ։ Խայտառակություն։ Իսկ հներն ի՞նչ աղջիկ են, ճակատային ընկերներ են։

― Բնա՞վ չեք գնում։

― Միայն մեկ֊մեկ, նորություն իմանալու։ Այն էլ ի միջի այլոց։ Բոլորն էլ ձեր մասին են հարցնում։ Խայտառակություն է։ Այնքան երկար են մնում, որ ընկերներ ենք դառնում։

― Գուցե էլ չեն ուզում ճակատ գնալ։

― Ուզում են, ուզում։ Ինչքան ասես աղջիկ կա։ Բայց կազմակերպվածություն չկա։ Թիկունքի հերոսների համար են պահում նրանց։

― Խե՜ղճ Ռինալդի, ― ասացի ես։ ― Պատերազմում մեն֊մենակ, նույնիսկ առանց նոր աղջիկների։

Ռինալդին լցրեց իր բաժակը։

― Սա ձեր համար վնաս չէ։ Խմեք։

Խմեցի կոնյակն ու զգացի, թե ինչպես ամբողջ մարմինս սկսեց տաքանալ։ Ռինալդին էլի լցրեց։ Հանգստացել էր մի քիչ։ Նա բարձրացրեց բաժակը։

― Ձեր քաջարի վերքերի կենացը։ Արծաթի մեդալի կենացը։ Ասացեք, բեյբի, ձեր ներվերի վրա չի՞ ազդում այս շոգին անընդհատ պառկելը։

― Երբեմն ազդում է։

― Նույնիսկ պատկերացնել չեմ կարող։ Ես կգժվեի։

― Դուք արդեն գիժ եք։

― Շատ եմ ուզում վերադառնաք։ Գիշերային արկածներից հետո մարդ չկա, որ պարտք վերցնես։ Ոչ մի հարևան, ոչ մի արյունակից եղբայր։ Չեմ հասկանում, ինչո՛ւ վիրավորվեցիք։

― Կարող եք քահանային ձեռք առնել։

― Քահանա՜։ Ես նրան ձեռք չեմ առնում։ Կապիտանն է ձեռք առնում։ Իսկ ես սիրում եմ։ Եթե քահանայի կարիք ունենաք, նրան վերցրեք։ Նա ձեզ տեսության է գալիս։ Մեծ պատրաստություններ է տեսնում։

― Ես էլ եմ նրան սիրում։

― Գիտեմ։ Մեկ֊մեկ նույնիսկ մտածում եմ, որ դուք և նա, ոնց ասեմ, նրանցից եք։ Հասկանում եք, չէ՞։

― Ոչինչ էլ չեք մտածում։

― Չէ, մեկ֊մեկ մտածում եմ։

― Գրողի ծողը կորեք։

Նա վեր կացավ ու հագավ ձեռնոցները։

― Շատ եմ սիրում ձեր հոգու հետ խաղալ, բեյբի։ Ու չնայած ձեր քահանային ու ձեր անգլուհուն, մենք հոգով շատ նման ենք իրար։

― Նման չենք։

― Նման ենք։ Դուք իսկական իտալացի եք։ Ամբողջովին կրակ ու բոց, մեջը՝ պարապ։ Դուք միայն ձևացնում եք, թե ամերիկացի եք։ Մենք եղբայրներ ենք և սիրում ենք իրար։

― Խելոք կմնաք մինչև գալս, ― ասացի ես։

― Ես կուղարկեմ միսս Բարկլիին։ Իմ բացակայությունն ավելի հաճելի կլինի ձեզ։ Դուք ավելի նուրբ եք և ավելի մաքուր։

― Գրողի ծոցը կորեք։

― Կուղարկեմ նրան։ Ձեր գեղեցիկ և սառը աստվածուհուն։ Անգլիական աստվածուհուն։ Աստված իմ, էլ ի՞նչ կարող է մարդ անել այդպիսի կնոջը, եթե ոչ երկրպագել։ Եվ, ընդհանրապես, էլ ինչի՞ են պետք անգլուհիները։

― Դուք տգետ և դատարկախոս դագո[14] եք։

― Ի՞նչ, ի՞նչ։

― Տգետ ու սնապարծ։

― Սնապա՜րծ։ Դո՛ւք եք սնապարծ․․․ ձեր այդ սառցե մռութով։

― Տգետ։ Բթամիտ։ ― Զգացի, որ այդ բառը խոցեց նրան ու շարունակեցի։ ― Անկիրթ։ Անգրագետ։ Անգրագետ բթամիտ։

― Այդպես, հա՞։ Դե հիմա լսեք ձեր անմեղ կանանց մասին։ Ձեր աստվածուհիների մասին։ Անմեղ աղջկա ու կնոջ միջև մի տարբերություն կա միայն։ Երբ աղջկա հետ ես պառկում, ցավ ես պատճառում նրան։ Այսքան բան։ ― Ձեռնոցները խփեց մահճակալին։ ― Ու չես կարող իմանալ, դուր կգա՞ աղջկան այդ բանը, թե ոչ։

― Մի չարացեք։

― Չեմ չարանում։ Ձեր օգտին եմ ասում, բեյբի։ Գլխացավանքից ազատելու համար։

― Էլ ուրիշ տարբերություն չկա՞։

― Ոչ, չկա։ Բայց ձեզ նման միլիոնավոր հիմարներ չգիտեն այդ։

― Շատ զգացված եմ, որ ասացիք ինձ։

― Չարժե գժտվել, բեյբի։ Ես ձեզ շատ եմ սիրում, բայց հիմար մի եղեք։

― Չեմ լինի։ Կլինեմ այնքան խելոք, որքան՝ դուք։

― Մի բարկացեք, բեյբի։ Ծիծաղեցեք։ Մի քիչ էլ խմեք։ Արդեն գնալու ժամանակն է։

― Դուք լավ տղա եք։

― Այ, տեսնում եք։ Հոգով նման ենք իրար։ Պատերազմի ընկերներ ենք։ Հրաժեշտից առաջ համբուրեք ինձ։

― Փսլնքոտ։

― Ոչ։ Ես պարզապես ավելի զգայուն եմ։

Դեմքիս վրա զգացի նրա շնչառությունը։

― Ցտեսություն։ Շուտով նորից կգամ։ ― Շնչառությունը հեռացավ ինձնից։ ― Թե չեք ուզում, չեմ համբուրի։ Անգլուհուն կուղարկեմ։ Ցը, բեյբի։ Մահճակալի տակ է կոնյակը։ Շուտ լավացեք։

Գնաց։

Գլուխ 11

Արդեն մթնում էր, երբ քահանան եկավ։ Ապուրը բերել էին, պնակները հավաքել, ու ես հիմա պառկած նայում էի մահճակալների շարքերին ու պատուհանից երևացող ծառերի կատարներին, որոնք թեթևակի օրորվում էին երեկոյան հովից։ Հովը ներս մտավ պատուհանից, ու ինչքան մոտենում էր գիշերը, այնքան զովանում էր եղանակը։ Ճանճերը կպել էին առաստաղին ու էլեկտրաքուղերից կախված լամպերին։ Լույսը վառում էին միայն այն ժամանակ, երբ նոր վիրավոր էին բերում կամ երբ ինչ֊որ բան էին անում պալատում։ Ես ինձ նորից փոքրիկ տղա զգացի, որովհետև աղջամուղջից հետո մութն էր իջել և այդ մթությունն էր իշխելու մինչև առավոտ։ Կարծես ընթրիքից հետո քեզ անկողին էին դնում։ Սանիտարն անցավ մահճակալների արանքով ու կանգ առավ։ Նրա հետ ինչ֊որ մեկն էլ կար։ Քահանան էր։ Կարճահասակ, թխադեմ, շփոթված, կանգնել էր իմ առաջ։

― Ինչպե՞ս եք, ― հարցրեց նա։

Ապա ինչ֊որ փաթեթներ դրեց հատակին, մահճակալի մոտ։

― Լավ եմ, հայր սուրբ։

Նստեց Ռինալդիի համար բերված աթոռին ու շփոթված դուրս նայեց պատուհանից։ Նկատեցի, որ հոգնած դեմք ուներ։

― Ես մի րոպեով եմ եկել, ― ասաց նա։ ― Ուշ է արդեն։

― Ուշ չէ։ Ի՞նչ կա մեզ մոտ։

Ժպտաց։

― Ինչպես միշտ, ձեռք են առնում ինձ։ ― Ձայնի մեջ էլ հոգնություն կար։ ― Փառք աստծո, բոլորն էլ լավ են։

― Շատ ուրախ եմ, որ դուք էլ լավ եք, ― ասաց նա։ ― Հուսով եմ, որ ցավեր չունեք։

Շատ հոգնած էր երևում, իսկ ես սովոր չէի նրան հոգնած տեսնել։

― Հիմա արդեն չի ցավում։

― Ճաշի ժամանակ միշտ զգում եմ ձեր բացակայությունը։

― Շատ եմ ուզում վերադառնալ։ Ինձ համար միշտ էլ հաճելի է եղել ձեզ հետ զրուցելը։

― Մի քանի փոքր բան եմ բերել ձեզ, ― ասաց նա ու փաթեթները վերցրեց գետնից։ ― Սա ցանց է մոծակների դեմ։ Սա վերմուտ է։ Սիրո՞ւմ եք վերմուտ։ Իսկ սրանք անգլիական թերթեր են։

― Բացեք, խնդրում եմ։

Նա ուրախացավ և սկսեց բացել փաթեթները։ Ես վերցրի մոծակների ցանցը։ Նա բարձրացրեց վերմուտի շիշը, որպեսզի ցույց տա ինձ, հետո դրեց հատակին, մահճակալի դիմաց։ Կապոցի միջից անգլիական մի թերթ հանեցի ու այնպես պահեցի, որ պատուհանից գոնե մի թույլ լույս ընկներ վրան, ու մի կերպ կարողացա կարդալ վերնագիրը․ «Նյուս օվ ուորլդ»։

― Մյուսները պատկերազարդ են, ― ասաց նա։

― Մեծ հաճույքով կկարդամ։ Որտեղի՞ց եք ճարել։

― Մարդ եմ ուղարկել, որ բերեն Մեստրելից։ Էլի կուղարկեմ։

― Ինչ լավ արեցիք, որ եկաք, հայր սուրբ։ Վերմուտ կխմե՞ք։

― Շնորհակալություն։ Պահեք։ Դա ձեզ համար է։

― Ոչինչ, խմեք մի քիչ։

― Դե լավ։ Հաջորդ անգամ էլի կբերեմ։

Սանիտարը երկու բաժակ բերեց ու հանեց շշի խցանը։ Խցանը պոկոտվեց, և նա, ստիպված, մի մասը խոթեց շշի մեջ։ Նկատեցի, որ դա վշտացրեց քահանային, բայց և այնպես նա ասաց․

― Ոչինչ, ոչինչ։

― Ձեր կենացը, հայր սուրբ։

― Ձեր կենացը։

Հետո նա ձեռքում էր պահել բաժակը, ու մենք իրար էինք նայում։ Երբեմն փորձում էինք բարեկամական խոսակցություն սկսել, բայց այդ գիշեր ինչ֊որ չէր ստացվում։

― Ի՞նչ է պատահել, հայր սուրբ։ Շատ հոգնած եք երևում։

― Հոգնել եմ, բայց հոգնելու իրավունք չունեմ։

― Շոգից է։

― Ոչ։ Դեռ գարուն է, սիրտս է նեղվում։

― Զզվե՞լ եք պատերազմից։

― Ոչ, բայց ատում եմ պատերազմը։

― Ինձ համար էլ պատերազմում հաճելի ոչինչ չկա։

Նա շարժեց գլուխը ու դուրս նայեց պատուհանից։

― Բայց դա ձեզ չի խանգարում։ Դուք չեք տեսնում այն։ Ներեցեք։ Գիտեմ, որ վիրավորված եք։

― Դա պատահականություն էր։

― Միևնույն է, նույնիսկ վիրավորված վիճակում դուք այն չեք տեսնում։ Վստահ եմ։ Ես էլ չեմ տեսնում, բայց զզվում եմ մի քիչ։

― Մենք հենց այդ մասին էինք խոսում, երբ վիրավորվեցի։ Պասսինին էր խոսում։

Քահանան ցած դրեց բաժակը։ Ինչ֊որ ուրիշ բանի մասին էր մտածում։

― Ես հասկանում եմ նրանց, որովհետև ես էլ եմ նրանց նման, ― ասաց նա։

― Բայց դուք բոլորովին ուրիշ եք։

― Իսկ իրականում նման եմ։

― Սպաները ոչինչ չեն տեսնում։

― Ոչ բոլորը։ Կան նաև զգայուն սպաներ և նրանց համար ավելի ծանր է, քան՝ մեզ։

― Քիչ է նրանց թիվը։

― Խնդիրը ոչ կրթությունն է, ոչ էլ դրամը։ Այլ ինչ֊որ ուրիշ բան։ Եթե Պասսինիի նման մարդիկ նույնիսկ կրթություն և փող ունենային, միևնույն է, չէին ցանկանա սպա դառնալ։ Ես չէի ուզենա դառնալ։

― Բայց մեկ է, դուք արդեն սպա եք։ Ես էլ եմ սպա։

― Ոչ, մեկ չէ՝ դուք նույնիսկ իտալացի էլ չեք։ Օտար եք։ Բայց ավելի սպաներին եք մոտ, քան շարքայիններին։

― Ի՞նչն է տարբերությունը։

― Դժվարանում եմ ասել։ Կան մարդիկ, որոնք ուզում են կռվել։ Հատկապես այս երկրում։ Բայց կան նաև մարդիկ, որոնք կռվել չեն ուզում։

― Բայց առաջիններն ստիպում են։

― Այո։

― Ու ես փաստորեն օգնում եմ նրանց։

― Դուք օտար եք։ Եվ հայրենասեր։

― Իսկ նրանք, ովքեր չե՞ն ուզում կռվել։ Կարո՞ղ են պատերազմը խանգարել։

― Չգիտեմ։

Նորից պատուհանից դուրս նայեց։ Ես հետևում էի նրա դեմքին։

― Իսկ երբևէ կարողացե՞լ են խանգարել։

― Նրանք կազմակերպված չեն, դրա համար էլ ոչինչ չեն կարող խանգարել։ Իսկ երբ կազմակերպվում են, առաջնորդները դավաճանում են նրանց։

― Ուրեմն անհուսալի՞ է։

― Անհուսալի ոչինչ չկա։ Բայց երբեմն ես էլ եմ կորցնում հույսս։ Փորձում եմ միշտ հուսալ, բայց երբեմն չեմ կարողանում։

― Գուցե պատերազմը վերջանա մի օր։

― Հուսով եմ։

― Ի՞նչ եք անելու այն ժամանակ։

― Եթե հնարավոր լինի կվերադառնամ Աբրուցի։

Նրա թուխ դեմքը հանկարծ փայլեց երջանկությունից։

― Սիրո՞ւմ եք Աբրուցին։

― Այո։ Շատ եմ սիրում։

― Ուրեմն հենց այնտեղ էլ գնացեք։

― Դա մեծ երջանկություն կլիներ։ Եթե կարողանայի այնտեղ ապրել և աստծուն սիրել և ծառայել նրան․․․

― Եվ հարգանք վայելել, ― ասացի ես։

― Այո, հարգանք վայելել։ Իսկ ինչու ոչ։

― Իհարկե։ Եվ դուք կվայելե՛ք հարգանք։

― Դա կարևոր չէ։ Բայց այնտեղ, իմ հայրենիքում, բնական է համարվում աստծուն սիրելը։ Եվ ոչ թե կեղտոտ խաղ։

― Հասկանում եմ։

Նա ինձ նայեց ու ժպտաց։

― Հասկանում եք, բայց չեք սիրում աստծուն։

― Ոչ։

― Բնա՞վ չեք սիրում, ― հարցրեց նա։

― Գիշերները երբեմն վախենում եմ նրանից։

― Դուք պետք է սիրեք նրան։

― Ես քչերին եմ սիրում։

― Ոչ, ― ասաց նա։ ― Ճիշտ չեք։ Հիշո՞ւմ եք այն գիշերները, որոնց մասին պատմեցիք ինձ։ Դա սեր չէ։ Միայն կիրք է ու հեշտանք։ Երբ սիրում ես, ուզում ես ինչ֊որ բան անել հանուն սիրո։ Ուզում ես զոհել քեզ։ Ուզում ես ծառայել։

― Ես ոչ ոքի չեմ սիրում։

― Կսիրեք։ Գիտեմ, որ կսիրեք։ Եվ այն ժամանակ երջանիկ կլինեք։

― Լավ, ― ասացի ես։ ― Երբ հասկանամ, կասեմ ձեզ։

― Դա ուրիշ բան է։ Դուք այդ չեք հասկանա, մինչև որ չզգաք ձեր մաշկի վրա։

― Լավ, ― ասացի ես։ ― Երբ հասկանամ, կասեմ ձեզ։

― Երկար մնացի և շատ խոսեցի։

Նա անկեղծորեն անհանգստացել էր։

― Ոչ։ Մի գնացեք։ Իսկ սե՞րը կանանց հանդեպ։ Եթե իսկապես սիրեի որևէ կնոջ, նո՞ւյնը կլիներ։

― Չգիտեմ։ Ես ոչ մի կնոջ չեմ սիրել։

― Իսկ ձեր մո՞րը։

― Այո, երևի սիրել եմ։

― Իսկ աստծուն մի՞շտ եք սիրել։

― Մանկությունից։

― Լավ, ― ասացի ես։ Չգիտեի ինչ ասել։ ― Դուք դեռ շատ երիտասարդ եք։

― Այո, երիտասարդ եմ, ― ասաց նա։ ― Բայց դուք ինձ հայր եք կոչում։

― Քաղաքավարություն է։

Նա ժպտաց։

― Արդեն իսկապես գնալու ժամանակն է, ― ասաց նա։ ― Որևէ բանի կարիք չունե՞ք, ― ակնկալությամբ հարցրեց նա։

― Ոչ։ Միայն խոսել ձեզ հետ։

― Ես ձեր կողմից կբարևեմ մերոնց։

― Շնորհակալություն նվերների համար։

― Չարժե։

― Նորից եկեք։

― Կգամ։ Ցտեսություն։ ― Նա թփթփացրեց ձեռքս։

― Գնաք բարով, ― ասացի ես բարբառով։

― Ciao, ― կրկնեց նա։

Սենյակում մութ էր, և սանիտարը, որ նստել էր մահճակալի ծայրին, վեր կացավ ու գնաց նրան ուղեկցելու։ Քահանան ինձ շատ էր դուր գալիս, ու երանի թե մի օր Աբրուցի վերադառնար։ Ճաշարանում նրա հոգին հանում էին, բայց նա համբերությամբ էր ամեն ինչ տանում, ու ես պատկերացնում էի, թե ինչպիսին էր նա իր հայրենիքում։ Պատմում էր, որ Կապրակոտտա քաղաքի ծայրին կարմրախայտով հարուստ մի գետ կա։ Գիշերներն արգելված էր ֆլեյտա նվագել։ Երիտասարդները սերենադ էին երգում, և միայն ֆլեյտան էր արգելված։ Հարցրի թե՝ ինչու։ Որովհետև աղջիկների համար վնասակար է գիշերները ֆլեյտայի նվագ լսել։ Գյուղացիները քեզ դոն են կոչում և հանդիպելիս գլխարկ հանում։ Նրա հայրն ամեն օր որսորդության էր գնում և գյուղացիների խրճիթներում էր ուտում։ Դա մեծ պատիվ էր նրանց համար։ Եթե օտարերկրացին ուզում էր որսորդությամբ զբաղվելու թույլտվություն ստանալ, պիտի տեղեկանք ներկայացներ, որ երբեք չի բանտարկվել։ Gran Sasso d' Italia-ում արջեր կային, բայց դա շատ հեռու էր։ Ակուիլան գեղեցիկ քաղաք էր։ Ամռան երեկոները զով էին, իսկ Աբրուցիի նման գարուն ամբողջ Իտալիայում չկա։ Բայց ամենից լավը աշունն էր, երբ կարելի էր որս անել շագանակակիների անտառում։ Այնտեղ հիանալի թռչուն էր լինում, որովհետև խաղողով էին սնվում նրանք։ Եվ նախաճաշ վերցնելու ոչ մի կարիք չկար, որովհետև գյուղացիների համար մեծ պատիվ էր, եթե խրճիթ մտնեիր և ուտեիր նրանց հետ։ Քիչ անց ես քնեցի։

Գլուխ 12

Հիվանդասենյակը երկար էր, աջ կողմում՝ պատուհաններ, անկյունում՝ մի դուռ, որ տանում էր դեպի վիրակապարան։ Մահճակալների մի շարքը, որոնց թվում և իմը, դրված էր պատի տակ, պատուհանների դիմաց, իսկ մյուսը՝ պատուհանների տակ, պատի դիմաց։ Եթե ձախ կողքիդ պառկեիր, կերևար վիրակապարանի դուռը։ Խորքում ևս մի դուռ կար, որտեղից երբեմն մարդիկ էին մտնում։ Երբ որևէ մեկը հոգևարքի մեջ էր լինում, նրա մահճակալն իսկույն ծածկում էին առաջակալով, որպեսզի ոչ ոք չտեսներ, թե ինչպես է նա մեռնում, և միայն բժիշկների ու սանիտարների կոշիկներն ու փաթաթաններն էին երևում առաջակալի տակից, ու վերջում երբեմն շշուկ էր լսվում։ Հետո առաջակալի ետևից դուրս էր գալիս մի վարպետ, իսկ սանիտարները նորից անցնում էին առաջակալից այն կողմ, դուրս բերում մինչև գլուխը սավանով փաթաթված մեռելին, տանում մահճակալների արանքներով, իսկ մինչ այդ ինչ֊որ մեկը ծալում, հավաքում էր առաջակալը։

Այդ առավոտ հիվանդասենյակի բժիշկն ինձ հարցրեց, թե արդյոք ի վիճակի՞ եմ վաղը մեկնելու։ Ասացի՝ այո։ Նա ասաց, որ այդ դեպքում հենց առավոտ շուտ ինձ կուղարկեն։ Ասաց, որ ավելի լավ է հիմա տեղափոխվել, քանի դեռ այնքան էլ շոգ չէ։

Երբ մահճակալից բարձրացնում էին վիրակապարան տանելու համար, կարելի էր նայել պատուհանից և նոր գերեզմաններ տեսնել պարտեզում։ Դեպի պարտեզ բացվող դռան մոտ մի զինվոր էր նստած, նա խաչեր էր սարքում և գրում պարտեզում թաղված զինվորների անունները, աստիճանները և գնդերի համարները։ Նա կատարում էր նաև վիրավորների հանձնարարությունները և ազատ ժամերին ավստրիական հրացանի դատարկ փամփուշտներից վառիչ էր սարքում ինձ համար։ Բժիշկները շատ համակրելի էին և շատ փորձառու էին թվում։ Ուզում էին ինձ անպայման ուղարկել Միլան, որտեղ ռենտգենյան նկարահանման ավելի մեծ հնարավորություններ կային, ու վիրահատությունից հետո կարող էի նաև մեխանիկական բուժում ստանալ։ Ես էլ էի ուզում Միլան գնալ։ Նրանք աշխատում էին բոլորին էլ հնարավորին չափ շուտ դուրս գրել, որպեսզի հարձակումից առաջ մահճակալներն ազատ լինեին։

Երեկոյան, մինչև զինվորական հիվանդանոցից դուրս գալս, ինձ մոտ եկան Ռինալդին և մեր գլխավոր բժիշկը։ Ասացին, որ ինձ կուղարկեն Միլանի ամերիկյան հիվանդանոցը, որը հենց նոր էր բացվել։ Ամերիկայից սանիտարական մի քանի ջոկատ պիտի ուղարկեին, և այդ հիվանդանոցը ծառայելու էր նրանց ու իտալական բանակում կռվող բոլոր մյուս ամերիկացիներին։ Կարմիր խաչում շատ ամերիկացիներ կային։ Միացյալ Նահանգները պատերազմ էին հայտարարել Գերմանիային, բայց Ավստրիային՝ ոչ։

Իտալացիները վստահ էին, որ Ամերիկան պատերազմ կհայտարարի նաև Ավստրիային, դրա համար էլ շատ էին ուրախանում, որ ամերիկացիներ են գալու, թեկուզ և կարմիր խաչի աշխատողներ։ Ինձ հարցրին, թե ինչ է իմ կարծիքը, արդյո՞ք նախագահ Ուիլսոնը պատերազմ կհայտարարի Ավստրիային, ու ես ասացի, որ օրերի հարց է դա։ Չգիտեի, թե մենք ինչ ունենք Ավստրիայի դեմ, բայց և տրամաբանական էր թվում, որ եթե Գերմանիային պատերազմ էինք հայտարարել, ուրեմն, պատերազմ պետք է հայտարարենք նաև Ավստրիային։ Հարցրին, թե արդյոք Թուրքիային էլ պատերազմ չե՞նք հայտարարի։ Ասացի, որ կասկածում եմ։ Ասացի, որ Թուրքիան մեր ազգային թռչունն է, բայց այս կատակն ընդհանրապես այնքան վատ էր թարգմանվում և նրանք այնքան շփոթված էին ու կասկածամիտ, որ ես ասացի՝ այո, հավանաբար, Թուրքիային էլ պատերազմ կհայտարարենք։ Իսկ Բուլղարիայի՞ն։ Մենք արդեն մի քանի բաժակ կոնյակ էինք խմել, ու ես ասացի, որ գրողի ծոցը կորչի Բուլղարիան էլ, Ճապոնիան էլ։ Ասացին՝ բայց չէ՞ որ Ճապոնիան Անգլիայի դաշնակիցն է։ Մեկ է, չի կարելի վստահել այդ գարշելի անգլիացիներին։ Ճապոնացիները Հավայան կղզիներն են ուզում, ասացի ես։ Որտե՞ղ են հավայան կղզիները։ Խաղաղ օվկիանոսում։ Իսկ ինչո՞ւ են ճապոնացիներն ուզում այդ կղզիները։ Ոչ մի կղզի էլ չեն ուզում, ասացի ես։ Դատարկ խոսակցություններ են, ուրիշ ոչինչ։ Ճապոնացիները փոքրիկ և հիանալի ժողովուրդ են, սիրում են պար և թեթև գինի։ Ֆրանսիացիների պես, ասաց մայորը։ Մենք ֆրանսիացիներից կվերցնենք Նիցցան և Սավոյան։ Կորսիկան էլ կվերցնենք, Ադրիատիկի ամբողջ ծովափն էլ, ասաց Ռինալդին։ Իտալիան կվերականգնի Հռոմի նախկին հզորությունը, ասաց մայորը։ Չեմ սիրում Հռոմը, ասացի ես։ Այնտեղ շոգ է և շատ փայտոջիլներ կան։ Հռոմը ձեզ դուր չի՞ գալիս։ Ոչ, ես սիրում եմ Հռոմը։ Հռոմը ժողովուրդների մայրն է։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր Հռոմուլոսը ծծում Տիբերին։ Ի՞նչ։ Ոչինչ։ Եկեք բոլորս էլ Հռոմ գնանք։ Եկեք այս գիշեր գնանք ու երբեք չվերադառնանք։ Հռոմը հրաշալի քաղաք է, ասաց մայորը։ Ժողովուրդների հայրն ու մայրը, ասացի ես։ Roma-ն իգական սեռ է, ասաց Ռինալդին։ Չի կարող հայր լինել։ Ուրեմն ո՞վ է հայրը։ Սուրբ հոգի՞ն։ Մի անարգիր աստծուն։ Չեմ անարգում, իմանալ եմ ուզում։ Հարբած եք, բեյբի։ Ո՞վ ինձ հարբեցրեց։ Ես հարբեցրի, ասաց մայորը։ Ես հարբեցրի, որովհետև սիրում եմ ձեզ և որովհետև Ամերիկան պատերազմի մեջ մտավ։ Էլ տեղ չկա, ասացի ես։ Առավոտյան եք գնում, բեյբի, ասաց Ռինալդին։ Հռոմ, ասացի ես։ Ոչ, Միլան։ Միլան, ասաց մայորը, Կրիստալ Պալաս, Չովա, Կամպարի, Բիֆֆի, Galleria: Բախտավոր տղա։ Գրան Իտալիա, ասացի ես, որտեղ Ջորջից պարտք եմ առնելու։ Լա Սկալա, ասաց Ռինալդին։ Լա Սկալա եք գնալու։ Ամեն գիշեր, ասացի ես։ Ամեն գիշեր չեք կարող, ասաց մայորը, փողը չի հերիքի։ Տոմսերը թանկ են։ Պապիս անունով ներկայացնողական չեկ կգրեմ, ասացի ես։ Ի՞նչ։ Ներկայացնողական չեկ։ Կամ նա կվճարի, կամ ինձ կբանտարկեն։ Միստր Քանինգհեմը կհաջողեցնի բանտում։ Ես ներկայացնողական չեկերով եմ ապրում։ Մի՞թե իմ պապը թույլ կտա բանտարկելու իր հայրենասեր թոռնիկին, որը մեռնում է, որպեսզի Իտալիա՞ն ապրի։ Կեցցե ամերիկյան Գարիբալդին, ասաց Ռինալդին։ Կեցցեն ներկայացնողական չեկերը, ասացի ես։ Պետք չէ աղմկել, ասաց մայորը։ Արդեն մի քանի անգամ խնդրել էին չաղմկել։ Իսկապե՞ս վաղը գնում եք, Ֆեդերիկո։ Բա չասացի՞, որ ամերիկյան հիվանդանոց է գնում, պատասխանեց Ռինալդին։ Գեղեցիկ հիվանդապահուհիների մոտ։ Ոչ թե զինվորական հիվանդանոցի այս մորուքավոր բուժակների։ Այո, այո, ասաց մայորը, գիտեմ, որ ամերիկյան հիվանդանոց է գնում։ Մորուքներն ինձ չեն խանգարում, ասացի ես։ Ում ինչ գործն է, եթե որևէ մեկն ուզում է մորուք թողնել։ Ինչո՞ւ մորուք չեք թողնում, signor maggiore: Հակագազի մեջ չի տեղավորվի։ Կտեղավորվի։ Հակագազի մեջ ամեն ինչ կտեղավորվի։ Ես մի անգամ փսխել եմ հակագազի մեջ։ Այդքան բարձր մի խոսեք, բեյբի, ասաց Ռինալդին։ Բոլորս էլ գիտենք, որ ճակատում եք եղել։ Օ, իմ լավ բեյբի։ Ի՞նչ եմ անելու առանց ձեզ։ Գնանք, ժամանակն է, ասաց մայորը։ Թե չէ արդեն սենտիմենտալ եք դառնում։ Լսեք, մի հաճելի անակնկալ ունեմ ձեզ համար։ Ձեր անգլուհին։ Հիշո՞ւմ եք։ Նա, ում համար ամեն գիշեր անգլիական հիվանդանոց էիք գնում։ Նա էլ է Միլան գնում։ Նա և մի ուրիշ բուժքույր գնում են ամերիկյան հիվանդանոցում աշխատելու։ Ամերիկայից դեռ հիվանդապահներ չեն եկել։ Այսօր խոսել եմ նրանց riparto-յի պետի հետ։ Այստեղ, ճակատում շատ կանայք կան։ Մի քանիսին ետ են ուղարկում։ Հը, ի՞նչ կարծիքի եք, բեյբի։ Լավ է, չէ՞։ Մեծ քաղաքում եք ապրելու և սիրաբանելու եք անգլուհու հետ։ Դե ինչու ե՛ս չվիրավորվեցի։ Դեռ կհասցնեք, ասացի ես։ Գնանք, ասաց մայորը, խմում, աղմկում և խանգարում ենք Ֆեդերիկոյին։ Մի գնացեք։ Չէ, ժամանակն է։ Ցտեսություն։ Բարի ճանապարհ։ Ciao: Ciao: Շուտ վերադարձեք, բեյբի։ Ռինալդին համբուրեց ինձ։ Լիզոլի հոտ է գալիս ձեզանից։ Ցտեսություն, բեյբի։ Ցտեսություն։ Մայորը թփթփացրեց ուսիս։ Նրանք ոտքերի մատների վրա դուրս եկան։ Զգացի, որ շատ եմ հարբել, բայց և այնպես քնեցի։

Հաջորդ առավոտյան մեկնեցինք Միլան և ուղիղ քառասունութ ժամից տեղ հասանք։ Տհաճ ճամփորդություն էր։ Մեստրե չհասած, երկար կանգ առանք պահեստային ռելսերի վրա, և մի քանի երեխաներ մոտեցան ու նայեցին պատուհանից։ Տղաներից մեկին ուղարկեցի, որ կոնյակ բերի, բայց նա վերադարձավ ու ասաց, որ միայն գրապպա կա։ Ասացի, թող գրապպա լինի, ու երբ բերեց շիշը, մանրը թողեցի նրան։ Ես ու հարևանս մի լավ խմեցինք ու հարբեցինք և մինչև Վիչենցա քնով անցակացրինք։ Վիչենցայում արթնացա և հենց հատակի վրա էլ փսխեցի։ Դա ոչ մի նշանակություն չուներ, որովհետև հարևանս մի քանի անգամ արդեն փսխել էր հատակին։ Հետո մտածեցի, որ մեռնելու եմ ծարավից, և Վերոնայի կայարանում ձայն տվի մի զինվորի, որը ետ ու առաջ էր քայլում գնացքի առջև, ու նա ջուր բերեց ինձ համար։ Արթնացրի հարևանիս, Ժորժետիին, որը հարբել էր ինձ հետ, և ջուր առաջարկեցի։ Ասաց, որ ջուրը ուսերին թափեմ, ու նորից քուն մտավ։ Զինվորը փող չվերցրեց և մսոտ մի նարինջ տվեց ինձ։ Ծծում էի նարինջը, թքում կեղևները և դիտում, թե ինչպես էր զինվորը ետ ու առաջ քայլում դիմացի բեռնատար գնացքի առջև։ Քիչ անց գնացքը ցնցվեց ու շարժվեց։

Գիրք երկրորդ

Գլուխ 13

Վաղ առավոտյան Միլան հասանք, և մեզ իջեցրին բեռնատար կայարանում։ Սանիտարական մեքենան ինձ տարավ ամերիկյան հիվանդանոց։ Պատգարակին պառկած, չէի կարողանում կողմոնորշվել, թե որ փողոցներով էինք անցնում, բայց երբ պատգարակը դուրս հանեցին, տեսա շուկայի հրապարակը, գինետան մի բաց դուռ և հատակը ավլող մի աղջկա։ Փողոցները ջրում էին, և վաղ առավոտվա հոտ էր գալիս։ Սանիտարները պատգարակը դրեցին գետնին ու ներս մտան։ Հետո վերադարձան դռնապանի հետ։ Նա մոխրագույն բեղեր ուներ, դրել էր դռնապանի գլխարկ, բայց սպասազգեստ չէր հագել։ Պատգարակը չէր տեղավորվում վերելակի մեջ, և նրանք սկսեցին վիճել, թե որն էր ավելի հարմար, պատգարակից ինձ հանել ու վերելակո՞վ տեղափոխել, թե՞ պատգարակը աստիճաններով բարձրացնել։ Ես լսում էի նրանց վեճը։ Որոշեցին՝ վերելակով։ Ինձ իջեցրին պատգարակից։

― Կամա՛ց, կամա՛ց, ― ասացի ես։ ― Զգույշ։

Վերելակում նեղվածք էր, ու երբ ոտքերս ծալվեցին, սաստիկ ցավ զգացի։

― Ուղղեք ոտքերս, ― ասացի ես։

― Չենք կարող, signor tenente։ Տեղ չկա։

Նա մի ձեռքով բռնել էր ինձ, իսկ ես գրկել էի նրա վիզը։ Նրանից սխտորի և կարմիր գինու մետաղե հոտ էր գալիս։

― Զգույշ, զգույշ, ― ասաց մյուս սանիտարը։

― Շան որդի, բա զգույշ չե՞մ։

― Ասում եմ զգույշ, ― կրկնեց իմ ոտքերից բռնած սանիտարը։

Տեսա, թե ինչպես վերելակի փեղկերը փակվեցին, ցանցապատ դուռը շրխկաց, և դռնապանը սեղմեց չորրորդ հարկի կոճակը։ Նա մտահոգ տեսք ուներ։ Վերելակն սկսեց դանդաղ բարձրանալ։

― Ծանր չե՞մ, հարցրի ես սանիտարին, որից սխտորի հոտ էր փչում։

― Ոչինչ, ― ասաց նա։

Դեմքը քրտինքով էր ծածկվել, և նա տնքում էր։

Վերելակն անընդհատ բարձրանում էր, ու ի վերջո կանգ առավ։ Ոտքերիցս բռնած սանիտարը բաց արեց դուռը և դուրս եկավ։ Հիմա մենք հարթակի վրա էինք։ Հարթակի շուրջը պղնձե բռնակներով դռներ կային։ Ոտքերիցս բռնած մարդը ինչ֊որ կոճակ սեղմեց։ Դռան մյուս կողմից զանգի ձայն լսվեց։ Բայց ոչ ոք չմոտեցավ։ Դռնապանը բարձրացավ աստիճաններով։

― Ո՞ւր են գնացել, ― հարցրին սանիտարները։

― Չգիտեմ, ― ասաց դռնապանը։ ― Նրանք ներքևում են քնում

― Կանչեցեք որևէ մեկին։

Դռնապանը սեղմեց զանգի կոճակը, հետո խփեց դուռը, հետո բաց արեց ու ներս մտավ։ Վերադարձավ ակնոցավոր տարեց մի կնոջ հետ։ Կնոջ մազերը գզգզված էին, սանրվածքը կիսով չափ քանդվել էր, նա հիվանդապահուհու զգեստ էր հագել։

― Չեմ հասկանում, ― ասաց նա։ ― Իտալերեն չեմ հասկանում։

― Անգլերեն գիտեմ, ― ասացի ես։ ― Ինձ պետք է տեղավորել։

― Դեռ ոչ մի սենյակ պատրաստ չէ։ Մենք ոչ ոքի չենք սպասում։

Նա աշխատում էր կարգի բերել մազերը և, կարճատես աչքերը կկոցած, ինձ էր նայում։

― Որևէ սենյակ ցույց տվեք, որ նրանք կարողանան տեղավորել ինձ։

― Չգիտեմ, ― ասաց նա։ ― Մենք ոչ ոքի չենք սպասում։ Չեմ կարող պատահական սենյակ տալ ձեզ։

― Ինձ համար բոլոր սենյակներն էլ միևնույն են։ ― Հետո իտալերեն դիմեցի դռնապանին։ ― Ազատ սենյակ փնտրեցեք։

― Բոլորն էլ ազատ են, ― ասաց դռնապանը։ Դուք առաջին վիրավորն եք։ ― Գլխարկը բռնած, նայում էր հիվանդապահուհուն։

― Ի սեր աստծո, տեղավորեք ինձ։

Ծալված վիճակում ոտքերիս ցավը հետզհետե սաստկանում էր, ու ես զգում էի, թե ինչպես էր թափանցում ոսկորներիս մեջ։ Դռնապանը սենյակ մտավ, և սպիտակահեր հիվանդապահուհին հետևեց նրան։ Շտապ վերադարձավ։

― Ինձ հետ եկեք, ― ասաց դռնապանը։

Ինձ տարան մի երկար միջանցքով ու մտցրին փակ վարագույրներով մի սենյակ։ Նոր կահույքի հոտ էր գալիս։ Մի մահճակալ կար և հայելիով զգեստապահարան։ Ինձ պառկեցրին մահճակալի վրա։

― Չեմ կարող սավան տալ, ― ասաց կինը։ ― Սավանները փակի տակ են։

Ես այլևս չխոսեցի նրա հետ։

― Գրպանումս փող կա, ― ասացի դռնապանին։ ― Կոճկված գրպանումս։

Դռնապանը հանձնեց փողը։

Սանիտարները, գլխարկները բռնած, կանգնել էին մահճակալի մոտ։

― Հինգական լիրա տվեք նրանց։ Հինգն էլ՝ ձեզ։ Թղթերս մյուս գրպանում են։ Հիվանդապահուհուն հանձնեք։

Սանիտարները պատիվ տվին ու շնորհակալություն հայտնեցին։

― Ցտեսություն, ― ասացի։ ― Ես էլ եմ շնորհակալ։

Նրանք նորից պատիվ տվին ու հեռացան։

― Այս թղթերում իմ հիվանդության պատմությունն է, ― ասացի ես, ― այն բուժումները, որ ստացել եմ արդեն։

Կինը վերցրեց թղթերն ու փորձեց ակնոցով կարդալ։ Երեք թուղթ էր, իրար վրա դասավորված։

― Չգիտեմ ինչ անել, ― ասաց նա։ ― Իտալերեն չեմ հասկանում։ Առանց բժշկի հրահանգի ոչինչ չեմ կարող անել։ ― Լաց եղավ ու թղթերը դրեց գոգնոցի գրպանը։ Ապա հարցրեց արցունքների միջից, ― ամերիկացի՞ եք։

― Այո։ Եթե կարելի է, թղթերը մահճակալի կողքի սեղանին դրեք։

Սենյակը կիսամութ էր և զով։ Մահճակալից երևում էր զգեստապահարանի մեծ հայելին, բայց անհնար էր տեսնել, թե ինչ էր արտացոլում։ Դռնապանը կանգնել էր մահճակալի մոտ։ Նա շատ բարի էր ու համակրելի։

― Կարող եք գնալ, ― ասացի նրան։ ― Դուք էլ, ― ասացի հիվանդապահուհուն։ ― Ի՞նչ է ձեր անունը։

― Միսսիս Ուոքեր։

― Կարող եք գնալ, միսսիս Ուոքեր։ Կփորձեմ քնել։

Մենակ էի սենյակում։ Զով էր, և հիվանդանոցի հոտ չկար։ Ներքնակը պինդ էր և հարմարավետ, ու ես անշարժ պառկել էի, գրեթե պահել շուչնս, ու երջանիկ էի, որ ցավը հետզհետե մեղմանում է։ Մի քիչ անց խմել ուզեցի, գլխավերևումս մի զանգ տեսա և քաշեցի թելը, բայց ոչ ոք չեկավ։ Քնեցի։

Երբ արթնացա, նայեցի շուրջս։ Փեղկերի արանքներից արևի ճառագայթներ էին սենյակ ընկել։ Տեսա մեծ զգեստապահարանը, մերկ պատերը և երկու աթոռ։ Կեղտոտ վիրակապերով փաթաթված ոտքերս գերանի նման ցցվել էին մահճակալի վրա։ Աշխատում էի չշարժել։ Ծարավ էի։ Մեկնեցի ձեռքս ու սեղմեցի զանգի կոճակը։ Լսեցի, թե ինչպես դուռը բացվեց, ու տեսա մի հիավանդապահուհու։ Նա երիտասարդ էր ու գեղեցիկ։

― Բարի լույս, ― ասացի ես։

― Բարի լույս, ― ասաց նա ու մոտեցավ մահճակալիս։ ― Չկարողացանք բժիշկ կանչել։ Կոմո է գնացել։ Չգիտեինք, որ հիվանդ են բերելու։ Իսկ ի՞նչ է պատահել ձեզ։

― Վիրավորված եմ։ Ծնկներից ու թաթերից։ Գլխից էլ։

― Ի՞նչ է ձեր անունը։

― Հենրի։ Ֆրեդերիկ Հենրի։

― Ես հիմա կլվամ ձեզ։ Բայց մինչև բժշկի գալը վիրակապերին չենք կարող ձեռք տալ։

― Միսս Բարկլին այստե՞ղ է։

― Ոչ։ Այդպիսի անունով մարդ չունենք։

― Ո՞վ էր այն կինը, որը լաց էր լինում, երբ ինձ բերեցին։

Հիվանդապահուհին ծիծաղեց։

― Միսսիս Ուոքերն էր։ Հերթապահ էր գիշերը, քունը տարել է։ Չէր սպասում, որ հիվանդ կբերեն։

Խոսելիս նա միաժամանակ նայում էր ինձ, ու երբ բացի վիրակապերից, ամեն ինչ հանեց, սկսեց վարժ ու թեթև շարժումներով լվանալ մարմինս։ Դա ինձ շատ թարմացրեց։ Գլուխս վիրակապով էր փաթաթված, բայց նա վիրակապի շուրջը ևս լվաց։

― Որտե՞ղ եք վիրավորվել։

― Իզոնցոյում։ Պլավայից հյուսիս։

― Իսկ դա որտե՞ղ է։

― Գոիրցիայից հյուսիս։

Տեսա, որ ոչ մի տեղեկություն չուներ այդ վայրերի մասին։

― Շա՞տ է ցավում։

― Ոչ։ Հիմա այնքան էլ չի ցավում։

Նա ջերմաչափ դրեց բերանս։

― Իտալացիները թևի տակ են դնում, ― ասացի ես։

― Մի խոսեք։

Հանեց ջերմաչափը, նայեց ու թափ տվեց։

― Ինչքա՞ն է ջերմությունս։

― Իրավունք չունեմ ասելու։

― Ոչինչ, ասեք։

― Գրեթե նորմալ է։

― Երբեք տաքություն չեմ ունեցել։ Ոտքերս հին մետաղով են լցված։

― Այսի՞նքն։

― Այնտեղ արկի բեկորներ էլ կա, հին մեխեր էլ կան, մահճակալի զսպանակ էլ, մի խոսքով, ինչ ասես կա։

Նա շարժեց գլուխը և ժպտաց։

― Եթե ձեր ոտքերում թեկուզ մի օտար մարմին լիներ, բորբոքում կստանայիք և անմիջապես կբարձրանար ձեր ջերմաստիճանը։

― Դե լավ, ― ասացի ես։ ― Վիրահատության ժամանակ կտեսնենք։

Նա դուրս եկավ սենյակից և վերադարձավ տարեց հիվանդապահուհու հետ, որը հերթապահել էր գիշերը։ Առանց ինձ տեղից շարժելու, երկուսով կարգի բերին անկողինը։ Դա նորություն էր ինձ համար, և նրանք այդ բանն անում էին զարմանալի ճարպկությամբ։

― Ո՞վ է հիվանդանոցի վարիչը։

― Միսս Վան Քամփենը։

― Քանի՞ հիվանդապահուհի ունեք։

― Միայն երկուսս ենք։

― Իսկ նոր հիվանդապահուհիներ չե՞ն գալու։

― Մի քանի հոգի։

― Իսկ ե՞րբ։

― Չգիտեմ։ Հիվանդը իրավունք չունի այդքան հետաքրքրասեր լինելու։

― Ես հիվանդ չեմ, ― ասացի, ― ես վիրավոր եմ։

Անկողինն արդեն կարգի էր բերված, և հիմա ես պառկած էի մաքուր ու թարմ սավանի վրա, նույնպիսի մի սավանով էլ ինձ էին ծածկել։ Միսսիս Ուոքերը գնաց գիշերազգեստ բերեց։ Հագցրին, և ես ինձ ապահով ու մաքուր զգացի։

― Դուք չափազանց սիրալիր եք, ― ասացի ես։

Հիվանդապահուհին, որի անունն էր միսս Գեյջ, քմծիծաղ տվեց։

― Մի բաժակ ջուր չէի՞ք տա, ― խնդրեցի ես։

― Հիմա։ Կարող եք նաև նախաճաշել։

― Չեմ ուզում նախաճաշել։ Եթե կարելի է, փեղկերը բացեք։

Կիսամութ էր, ու երբ փեղկերը բացեցին, սենյակը լցվեց արևի պայծառ լույսով, և ես մի պատշգամբ տեսա, պատշգամից այն կողմ՝ կղմինդրե տանիքներ և ծխնելույզներ։ Նայեցի տանիքների վրայով, տեսա ճերմակ ամպեր և շատ կապույտ մի երկինք։

― Չգիտե՞ք մյուս հիվանդապահուհիները երբ են գալու։

― Ինչո՞ւ եք անընդհատ հարցնում։ Ինչ է, գոհ չե՞ք մեզնից։

― Դուք շատ սիրալիր եք։

― Գուցե ձեզ միզամա՞ն է պետք։

― Վատ չէր լինի։

Նրանք ինձ բարձրացրին ու պահեցին, բայց պարզվեց, որ դա անօգուտ էր։ Հետո, պառկած նայում էի պատշգամբին։

― Ե՞րբ է գալու բժիշկը։

― Հենց որ վերադառնա։ Մենք Կոմո զանգահարեցինք և ասացինք, որ գա։

― Ուրիշ բժիշկ չկա՞։

― Նա է հիվանդանոցի բժիշկը։

Միսս Գրեյջը բաժակ ու ջրաման բերեց։ Երեք բաժակ ջուր խմեցի։ Հետո նրանք գնացին, իսկ ես որոշ ժամանակ դուրս նայեցի պատուհանից ու նորից քնեցի։ Թեթև նախաճաշ կերա, որից հետո ինձ մոտ եկավ հիվանդանոցի վարիչը, միսս Վան Քամփենը։ Ես դուր չեկա նրան, նա էլ ինձ դուր չեկավ։ Կարճահասակ էր, չափած֊ձևած, կասկածամիտ և իր դիրքից շատ գոհ։ Բազմաթիվ հարցեր տվեց և, ըստ երևույթին, ամոթալի բան էր համարում իտալական բանակում ծառայելը։

― Կարո՞ղ եմ ճաշին գինի խմել, ― հարցրի ես։

― Միայն բժշկի թույլտվությամբ։

― Իսկ մինչև նրա գա՞լը։

― Ոչ մի դեպքում։

― Կարծում եք, այնուամենայնիվ կգա՞։

― Զանգահարել ենք։

Նա դուրս եկավ, և միսս Գեյջը վերադարձավ։

― Ինչո՞ւ էիք այդքան կոպիտ խոսում միսս Վան Քամփենի հետ, ― հարցրեց նա այն բանից հետո, երբ ճարպկությամբ արեց այն ամենն, ինչ անհրաժեշտ էր ինձ։

― Չէի ուզում կոպիտ լինել։ Բայց շատ էր մեծամիտ։

― Նա ասաց, որ դուք պահանջկոտ եք և կոպիտ։

― Ճիշտ չի ասել։ Բայց և այնպես, ի՞նչ է նշանակում հիվանդանոց առանց բժշկի։

― Նա գալու է։ Կոմո զանգահարեցին։

― Ի՞նչ է անում այնտեղ։ Լողնո՞ւմ է լճում։

― Ոչ։ Կլինիկա ունի։

― Ինչո՞ւ ուրիշ բժիշկ չեն հրավիրում։

― Ս֊ս֊ս֊ս․․․ Խելոք մնացեք և կգա։

Խնդրեցի դռնապանին կանչել, ու երբ նա եկավ, իտալերեն ասացի, որ գինեվաճառից մի շիշ չինցանո բերի, մի շիշ կիանտի ու մի քանի երեկոյան թերթ։ Նա գնաց և թերթով փաթաթված երկու շիշ բերեց, ու ես խնդրեցի հանել խցանները և վերմուտն ու գինին մահճակալի տակ դնել։ Այլևս ոչ ոք սենյակ չմտավ, ու ես, անկողնում պառկած, թերթ էի կարդում․ լուրեր ռազմաճակատից, սպանված սպաների ու նրանց ստացած պարգևների ցուցակը։ Հետո իջեցրի ձեռքս, մահճակալի տակից վերցրի չինցանոյի սառը շիշը, դրեցի փորիս, և մաշկիս վրա օղակներ էին գոյանում։ Ու տեսնում էի, թե ինչպես քաղաքի տանիքների վրա երկինքն սկսում էր հեզհետե մթնել։ Տանիքների վրա ծիծեռնակներ էին թռչում և գիշերային ճուռակներ, իսկ ես հետևում էի նրանց թռիչքին ու չինցանո խմում։ Միսս Գեյջը շաքարով հարած ձվի դեղնուց տվեց ինձ։ Երբ ներս մտավ վերմուտի շիշը թաքցրի մահճակալի տակ։

― Միսս Վան Քամփենը խնդրեց, որ մի քիչ անդալուզյան գինի լցնեմ մեջը, ― ասաց նա։ ― Պետք չէ նրան կոպտել։ Նա արդեն երիտասարդ չէ և հիվանդանոցի վարիչ լինելն էլ մեծ պատասխանատվություն է նրա համար։ Միսսիս Ուոքերն արդեն ծեր է, և նրանից օգուտ չկա։

― Հիանալի կին է, ― ասացի ես։ ― Շնորհակալություն հայտնեք նրան իմ կողմից։

― Ես հիմա ձեզ ընթրիք կբերեմ։

― Պետք չէ, ― ասացի ես։ ― Քաղցած չեմ։

Երբ նա բերեց սկուտեղը ու դրեց մահճակալի կողքի սեղանին, ես շնորհակալություն հայտնեցի ու մի քիչ կերա։ Հետո լրիվ մթնեց, ու ես տեսնում էի երկնքում թափառող լուսարձակների ճառագայթները։ Որոշ ժամանակ հետևեցի դրանց, իսկ հետո քնեցի։ Խորը քնեցի, միայն մի անգամ, քրտնած ու վախեցած, արթնացա, բայց հետո նորից քնեցի, փորձելով չվերհիշել երազս։ Լուսաբացից շատ կանուխ կրկին արթնացա ու լսեցի աքլորների կանչը ու մինչև լույս արթուն մնացի։ Դա ինձ շատ հոգնեցրեց, և երբ արդեն լուսացավ, դարձյալ քնեցի։

Գլուխ 14

Պայծառ արև էր երբ արթնացա։ Ինձ թվաց, թե նորից ռազմաճակատում եմ, ու ձգվեցի ամբողջ մարմնով։ Վերքերս ցավեցին, նայեցի ոտքերիս ու, տեսնելով կեղտոտ վիրակապերը, հիշեցի, թե որտեղ եմ։ Ձեռքս մեկնեցի զանգին և սեղմեցի կոճակը։ Միջանցքից զանգի ձայն լսվեց, իսկ քիչ անց՝ ռետինե ներբանների վրա քսքստոց։ Միսս Գեյջն էր։ Արևի պայծառ լույսի տակ նա թվում էր ավելի մեծ և ոչ այնքան գեղեցիկ։

― Բարի լույս, ― ասաց նա։ ― Ինչպե՞ս անցկացրիք գիշերը։

― Լավ, շնորհակալություն, ― ասացի ես։ ― Հնարավո՞ր է վարսավիր կանչել։

― Ես մի անգամ էլ ներս մտա ու տեսա, որ սրանով եք քնել։

Բաց արեց զգեստապահարանի դուռը և ցույց տվեց վերմուտի շիշը։ Շիշը գրեթե դատարկ էր։

― Մյուս շիշն էլ վերցրի մահճակալի տակից ու այստեղ դրեցի, ― ասաց նա։ ― Ինչո՞ւ բաժակ չուզեցիք։

― Վախեցա, որ չեք թողնի խմել։

― Ես էլ կխմեի ձեզ հետ։

― Կեցցեք։

― Մենակ խմելը լավ չէ, ― ասաց նա։ ― Երբեք այդպիսի բան չանեք։

― Էլ չեմ անի։

― Ձեր ընկերուհին, միսս Բարկլին, եկել է արդեն, ― ասաց նա։

― Իսկապե՞ս։

― Այո։ Բայց դուր չեկավ ինձ։

― Դուր կգա։ Հիանալի աղջիկ է։

Նա շարժեց գլուխը։

― Չեմ կարծում։ Կարո՞ղ եք մի փոքր այս կողմ շարժվել։ Այ, այսպես։ Նախաճաշին պետք է մաքուր լինել։ ― Նա լվաց ինձ շորի կտորով, օճառով ու տաք ջրով։ ― Ձեռքը բարձրացրեք, ― ասաց նա։ ― Այ, այսպես։

― Հնարավոր չէ՞, որ վարսավիրը մինչև նախաճաշ գա։

― Հիմա կասեմ դռնապանին։ ― Դուրս եկավ ու շուտով վերադարձավ։ ― Գնաց կանչելու, ― ասաց նա և ձեռքի շորը մտցրեց ջրի մեջ։

Վարսավիրը եկավ դռնապանի հետ։ Մոտ հիսուն տարեկան էր, դեպի վեր ոլորած բեղերով։ Միսս Գեյջը վերջացրեց գործը ու հեռացավ, իսկ վարսավիրը օճառ քսեց դեմքիս ու սկսեց սափրել։ Նա իրեն շատ հանդիսավոր էր պահում և խուսափում էր խոսելուց։

― Ինչո՞ւ եք լռում։ Նոր լուրե՞ր չկա՞ն։ Հարցրի ես։

― Ի՞նչ լուր։

― Մեկ է։ Ի՞նչ է կատարվում քաղաքում։

― Պատերազն է, ― ասաց նա։ ― Թշնամին ամեն տեղ էլ ականջ ունի։

Ես նայեցի նրան։

― Խնդրում եմ չշարժել գլուխը, ― ասաց նա ու շարունակեց սափրել։ ― Ես ոչինչ չեմ ասի։

― Ի՞նչ է պատահել, ― հարցրի ես։

― Ես իտալացի եմ։ Գործ չունեմ թշնամու հետ։

Էլ ոչինչ չասացի։ Եթե խելքը թռցրել է, ուրեմն, որքան շուտ ազատվեմ ածելիից, այնքան լավ։ Մի անգամ փորձեցի ուշադիր նայել նրան։

― Զգույշ, ― ասաց նա։ ― Ածելին սուր է։

Երբ վերջացրեց, վճարեցի ինչ որ հարկն էր ու կես լիրա էլ ավել տվի։ Նա վերադարձրեց փողը։

― Չեմ վերցնի։ Ես ռազմաճակատում չեմ։ Բայց իտալացի եմ։

― Գրողի ծոցը կորեք։

― Ձեր թույլտվությամբ, ― ասաց նա և ածելիները փաթաթեց թերթի մեջ։ Ապա դուրս եկավ, մահճակալի կողքի սեղանին թողնելով հինգ պղնձադրամները։

Զանգ տվի։ Միսս Գեյջը ներս մտավ։

― Բարի եղեք կանչել դռնապանին։

― Խնդրեմ։

Դռնապանը եկավ։ Հազիվ էր զսպում ծիծաղը։

― Խենթ է, ինչ է այդ վարսավիրը։

― Ոչ, signorino: Սխալվեց։ Լավ չլսեց ինձ ու նրան թվաց, թե ես ասել եմ, որ դուք ավստրիացի սպա եք։

― Մեղա քեզ տեր, ― ասացի ես։

― Հա, հա, հա, ― ծիծաղում էր դռնապանը։ ― Այ քեզ զվարճալի մարդ։ Եթե մի փոքր էլ շարժվեր, ասում էր նա, ես նրան․․․ ու ցուցամատը քսեց կոկորդին։

― Հա, հա, հա, ― չէր կարողանում ծիծաղը զսպել։ ― Բա որ ասացի դուք ավստրիացի չեք․․․ հա, հա, հա․․․

― Հա, հա, հա, ― բարկացա ես։ Ինչ զվարճալի կլիներ, չէ՞, եթե կոկորդս կտրեր։ Հա, հա, հա։

― Ոչ, signorino: Ոչ, ոչ։ Սոսկալի վախենում էր ավստրիացուց։ Հա, հա, հա։

― Հա, հա, հա, ― ասացի ես։ ― Դուրս կորեք։

Գնաց, բայց միջանցքում էլ դեռ շարունակում էր ծիծաղել։ Ինչ֊որ ոտնաձայն լսվեց դռան ետևում։ Նայեցի դռանը։ Կետրին Բարկլին էր։

― Նա սենյակ մտավ ու մոտեցավ մահճակալին։

― Բարև սիրելիս, ― ասաց նա։

Ջահել էր, թարմ ու գեղեցիկ։ Մտածում էի, որ երբեք չեմ տեսել այդքան գեղեցիկ դեմք։

― Բարև, ― ասացի ես։

Հենց որ նրան տեսա, հասկացա, որ սիրահարված եմ։ Ամեն ինչ տակնուվրա եղավ իմ մեջ։ Նա նայեց դռան կողմը, տեսավ, որ մարդ չկա, հետո նստեց մահճակալի ծայրին, կռացավ ու համբուրեց ինձ։ Ես մոտեցրի նրան, համբուրեցի և զգացի, թե ինչպես է սիրտը խփում։

― Իմ լավ Կետրին, ― ասացի ես։ ― Ինչ ուրախ եմ, որ եկաք։

― Գալը հեշտ էր։ Մնալն է դժվար։

― Դուք պետք է մնաք, ― ասացի ես։ ― Դուք հրաշալի եք։

Կորցրել էի խելքս։ Չէի հավատում, որ նա իրոք իմ կողքին է, ու ես նրան ամուր սեղմեցի ինձ։

― Պետք չէ, ― ասաց նա։ ― Դուք դեռ չեք առողջացել։

― Առողջացել եմ։ Ինձ մոտ արի։

― Սիրո՞ւմ եք ինձ։

― Շատ եմ սիրում։ Կորցրել եմ խելքս։ Խնդրում եմ, արի։

― Լսո՞ւմ եք մեր սրտի զարկերը։

― Ինչի՞ս է պետք սիրտը։ Ես քեզ եմ ուզում։ Կորցրել եմ խելքս։

― Դուք իսկապե՞ս ինձ սիրում եք։

― Հերիք է այդ մասին խոսես։ Ինձ մոտ արի։ Կետրին, խնդրում եմ, շատ եմ խնդրում։

― Լավ․․․ Բայց միայն մի րոպեով։

― Լավ, ― ասացի ես։ ― Փակիր դուռը։

― Չի կարելի։ Հիմա չի կարելի։

― Արի։ Ոչինչ չասես։ Ինձ մոտ արի։

Կետրինը նստել էր մահճակալի կողքի բազկաթոռին։ Դուռը բաց էր։ Խենթությունն արդեն անցել էր, ու կյանքումս այսքան լավ չէի զգացել երբեք։

Նա հարցրեց․

― Հիմա հավատո՞ւմ ես, որ սիրում եմ քեզ։

― Դու շատ սիրելի ես, ― ասացի ես։ ― Այստեղ կմնաս։ Քեզ ոչ մի տեղ չեն տանի։ Ես սիրուց կորցրել եմ գլուխս։

― Մենք պետք է շատ զգույշ լինենք։ Մենք լրիվ կորցրել ենք մեզ։ Այդպես չի կարելի։

― Գիշերը կարելի է։

― Մենք պետք է շատ զգույշ լինենք։ Հատկապես կողմնակի մարդկանց մոտ։

― Զգույշ կլինեմ։

― Պետք է անպայման զգույշ լինես։ Դու լավն ես։ Սիրում ես ինձ, չէ՞։

― Էլ մի հարցրու։ Թե չէ բաց չեմ թողնի քեզ։

― Լավ, էլ չեմ հարցնի։ Դու պետք է բաց թողնես ինձ։ Իսկապես, արդեն պետք է գնամ, սիրելիս։

― Անմիջապես վերադարձիր։

― Հենց որ կարողանամ։

― Ցտեսություն։

― Ցտեսություն։

Նա դուրս եկավ։ Աստված է վկա, որ ես չէի ուզում նրան սիրահարվել։ Ոչ ոքի չէի ուզում սիրահարվել։ Բայց վկա է աստված, որ սիրահարված եմ և պառկած Միլանի հիվանդանոցի մահճակալին, և տարբեր մտքեր են պտտվում գլխումս, և վերջապես ներս մտավ միսս Գեյջը։

― Բժիշկը գալիս է, ― ասաց նա։ ― Կոմոյից զանգ տվեց։

― Ե՞րբ կլինի այստեղ։

― Երեկոյան կգա։

Գլուխ 15

Մինչև երեկո ոչինչ չպատահեց։ Բժիշկը լռակյաց, նիհար մարդ էր, որին ինչպես երևում է, պատերազմը շատ գլխացավանք էր պատճառել։ Նրբակիրթ զզվանքով նա իմ ազդրից պողպատե մի քանի մանր բեկորներ հանեց։ Նա դիմեց տեղական անեստեզիայի օգնությանը, որը նաև կոչվում է «սառեցում» կամ դրա նման մի բան։ Անեստեզիան փայտացնում էր հյուսվածքները և վերացնում ցավը, մինչև որ վիրաչափը, վիրադանակը կամ նշտարը չանցնեին անզգայացած շերտից։ Կարելի էր շատ ճշգրիտ որոշել, թե որտեղ է այդ շերտը վերջանում, և շուտով բժշկի նրբազգացությունն սպառվեց, ու նա ասաց, որ ավելի լավ է ռենտգենի դիմել։ Վերաչափից բան դուրս չի գա, ասաց նա։

― Ռենտգենի կաբինետը գտնվում էր Ospedale Maggiore[15]֊ում, և այնտեղի բժիշկը աղմկոտ, ուրախ և հմուտ մարդ էր։ Ռենտգեն նկարահանման ժամանակ հիվանդի թևրից էին բռնում, այնպես որ էկրանի վրա նա կարող էր ամենամեծ օտար մարմինները տեսնել։ Լուսանկարը հետո պիտի ուղարկեին։ Բժիշկը խնդրեց, որ իր ծոցատետրում գրեմ ազգանունս, գնդի անունը, համարը և որևէ բան՝ հիշատակի համար։ Նա հայտարարեց, որ յուրաքանչյուր օտար մարմին այլանդակ, գարշելի և վայրենի բան է։ Ավստրիացիները շան ծնունդ են։ Քանիսի՞ն եմ սպանել։ Ոչ ոքի չէի սպանել, բայց շատ էի ուզում նրան հաճույք պատճառել, դրա համար էլ ասացի անթիվ, անհամար։ Միսս Գեյջն ինձ հետ էր։ Բժիշկը գրկեց նրա մեջքը և ասաց, որ նա Կլեոպատրայից էլ գեղեցիկ է։ Հասկանալի՞ է։ Կլեոպատրան եգիպտական նախկին թագուհի է։ Աստված վկա, ավելի գեղեցիկ է։ Սանիտարական մեքենայով վերադարձանք հիվանդանոց և որոշ ժամանակ անց, մի պատգարակից մյուսը տեղափոխելով, ինձ վերջապես տեղ հասցրին ու դրեցին անկողինս։ Ճաշից հետո բերեցին ռենտգենի լուսանկարները։ Բժիշկը խոստացել էր, որ, աստված վկա, ճաշից հետո կուղարկի դրանք և, ահա, կատարել էր խոստումը։ Կետրին Բարկլին լուսանկարները հանեց կարմիր ծրարներից, ցույց տվեց ինձ, ու մենք նայեցինք լույսի տակ։

― Սա աջ ոտքն է, ― ասաց նա, ու լուսանկարը դրեց ծրարի մեջ։ ― Իսկ սա՝ ձախը։

― Մի կողմ գցիր, ― ասացի ես, ― և ինձ մոտ արի։

― Չեմ կարող, ― ասաց նա։ ― Ես միայն մի րոպեով եմ եկել, որպեսզի նկարները ցույց տամ։

Նա գնաց, ու ես մենակ մնացի։ Շոգ էր, իսկ անկողնում պառկելը՝ ձանձրալի։ Դռնապանին խնդրեցի գնալ և թերթ գնել, բոլո՛ր թերթերը, ինչ որ պատահեր։

Մինչ նա կվերադառնար, երեք բժիշկ մտան սենյակ։ Նկատել եմ, որ փորձառություն չունեցող բժիշկները, հակված են միմյանց օգնության դիմելու և խորհրդակցելու։ Եթե որևէ բժիշկ անկարող է կույր աղիքի հասարակ վիրահատություն անել, քեզ անպայման կուղարկի մեկ ուրիշի մոտ, որը նշագեղձ անգամ չի կարող հեռացնել։ Այս բժիշկներն էլ այդպիսին էին։

― Ահա մեր երիտասարդը, ― ասաց հիվանդանոցի նրբակիրթ շարժումներով բժիշկը։

Երրորդը, որ բռնել էր կարմիր ծրարների մեջ դրված ռենտգենի լուսանկարները, ոչինչ չասաց։

― Հանե՞նք վիրակապերը, ― հարցրեց մորուքավոր բժիշկը։

― Անշուշտ։ Խնդում ենք հանեք վիրակապերը, ― հիվանդանոցի բժիշկն ասաց միսս Գեյջին։

Միսս Գեյջը հանեց վիրակապերը։ Նայեցի ոտքերիս։ Դաշտային հոսպիտալում ոտքերս նման էին ոչ այնքան թարմ խորոված երշիկի։ Հիմա մաշկի վրա կեղև էր պատել, ծունկս ուռել էր ու գունազրկվել, սրնքամիսս՝ կակղել, բայց թարախ չէր գալիս։

― Շատ մաքուր է, ― ասաց հիվանդանոցի բժիշկը, ― լավ է, շատ մաքուր է։

― Հըմ, ― ասաց մորուքավոր բժիշկը։

Երրորդը նայում էր հիվանդանոցի բժշկի ուսի վրայից։

― Խնդրում եմ ծալեք ծունկը, ― ասաց մորուքավորը։

― Չեմ կարող։

― Չստուգե՞նք՝ հոդերն ինչպես են գործում, ― հարցրեց մորուքավոր բժիշկը։ Թևի վրա, բացի երեք աստղից, մի երիզ էլ կար։ Դա նշանակում է, որ կապիտանի կոչում ուներ։

― Անշուշտ, ― ասաց հիվանդանոցի բժիշկը։

Երկուսով զգուշությամբ բռնեցին աջ ոտքս ու սկսեցին ծալել։

― Ցավում է, ― ասացի ես։

― Ըհը, ըհը։ Մի քիչ էլ բժիշկ։

― Բավական է։ Էլ չի ծալվի, ― ասացի ես։

― Ուրեմն, հոդերը լրիվ չեն գործում, ― ասաց մորուքավորը և ուղղեց մարմինը։ ― Բժիշկ, կարելի՞ է լուսանկարները նորից նայել։

Երրորդ բժիշկը կարմիր ծրարներից մեկը տվեց նրան։

― Ոչ։ Խնդրում եմ ձախ ոտքը։

― Ձախն է, բժիշկ։

― Ճիշտ է, ճիշտ է։ Ուրիշ կողմից էի նայում։ ― Վերադարձրեց լուսանկարը։ Իսկ մյուսը մի քանի րոպե զննեց։ ― Տեսնո՞ւմ եք, բժիշկ։ ― Ցույց տվեց օտար մարմիններից մեկը, որը լույսի տակ երևում էր պարզ ու որոշակի։

Նրանք ևս մի քանի րոպե զննեցին լուսանկարը։

― Կարող եմ միայն մի բան ասել, ― ասաց կապիտանի աստիճանով մորուքավոր բժիշկը։ ― Ժամանակի հարց է սա։ Երեք ամիս, գուցե և վեց։

― Անկասկած։ Չէ՞ որ ձուսպային հեղուկը պետք է նորից հավաքվի։

― Անկասկած։ Ժամանակի հարց է։ Խղճիս դեմ գործած կլինեի, եթե մինչ բեկորի շուրջ թաղանթ կազմելը, ծունկը վիրահատեի։

― Լիովին բաժանում եմ ձեր կարծիքը, բժիշկ։

― Ինչի՞ համար վեց ամիս, ― հարցրի ես։

― Որպեսզի բեկորի շուրջը թաղանթ կազմվի և հնարավոր լինի անվտանգ վիրահատել ծունկը։

― Չեմ հավատում դրան, ― ասացի ես։

― Երիտասարդ, դուք ուզո՞ւմ եք ձեր ոտքը պահպանել։

― Ոչ, ― ասացի ես։

― Ի՞նչ։

― Ուզում եմ, որ կտրեք ոտքս, ― ասացի ես, ― այնպես որ հնարավոր լինի կեռիկ ամրացնել։

― Ի՞նչ եք ուզում ասել։ Կեռի՞կ։

― Կատակ է անում, ― ասաց հիվանդանոցի բժիշկը և նրբավարի թփթփացրեց ուսիս։ ― Նա ուզում է պահպանել ոտքը։ Շատ խիզախ երիտասարդ է։ Խիզախության համար արծաթե մեդալի է ներկայացված։

― Ի սրտե շնորհավորում եմ, ― ասաց մորուքավորը և սեղմեց ձեռքս։ ― Ես միայն ուզում եմ ասել, որ ավելի անվտանգ կլինի, եթե գոնե վեց ամիս սպասենք, հետո վիրահատության գնաք։ Ինչ խոսք, որ դուք կարող եք այլ կարծիքի լինել։

― Շնորհակալ եմ, ― ասացի ես։ ― Ինձ համար թանկ է ձեր կարծիքը։

Մորուքավորը նայեց ժամացույցին։

― Պետք է գնալ, ― ասաց նա։ ― Հաջողություն եմ ցանկանում։

― Ձեզ էլ հաջողություն և շնորհակալություն, ― ասացի ես։

Սեղմեցի երրորդ բժշկի ձեռքը։ Capitano Varini ― tenente Enry, ու նրանք դուրս եկան սենյակից։

― Միսս Գեյջ, ― կանչեցի ես։ Նա ներս մտավ։ ― Խնդրում եմ, մի րոպեով հրավիրեք բժշկին։

Բժիշկը եկավ և, գլխարկը ձեռքին, կանգնեց մահճակալի մոտ։

― Խնդրել եք կանչե՞լ ինձ։

― Այո։ Ես չեմ կարող վեց ամիս վիրահատության սպասել։ Աստված իմ, պատահե՞լ է, որ վեց ամիս պառկեք անկողնում։

― Ինչո՞ւ անկողնում։ Սկզբում վերքերը պետք է արևի տակ պահել։ Իսկ հետո արդեն կարող եք հենակներով քայլել։

― Վեց ամիս և նոր միայն վիրահատությո՞ւն։

― Դա միակ ապահով ելքն է։ Պետք է սպասել, մինչև որ օտար մարմինների շուրջը թաղանթ գոյանա և ձուսպային հեղուկը կրկին հավաքվի։ Միայն դրանից հետո կարելի է հանգիստ վիրահատել։

― Իսկ դուք վստա՞հ եք, որ պետք է այդքան երկար սպասել։

― Դա միակ ապահով ելքն է։

― Ո՞վ էր կապիտանի աստիճանով բժիշկը։

― Միլանի հայտնի վիրաբույժներից մեկն է։

― Կապիտան է, չէ՞։

― Այո, բայց շատ լավ վիրաբույժ է։

― Չեմ ուզում, որ ինչ֊որ կապիտան քչփորի ոտքս։ Եթե իսկապես լավ վիրաբույժ է, մայոր կդառնար։ Գիտեմ, թե կապիտանն ինչ արժե, բժիշկ։

― Շատ լավ վիրաբույժ է, ու ես նրա կարծիքի հետ ավելի եմ հաշվի նստում, քան ուրիշ որևէ մեկի։

― Հնարավո՞ր է ուրիշ վիրաբույժի կանչել։

― Եթե ուզում եք, իհարկե։ Բայց ձեր տեղը լինեի, կհետևեի բժիշկ Վարելլայի խորհրդին։

― Կարո՞ղ եք ուրիշ վիրաբույժ հրավիրել։

― Կարելի է Վալենտինիին հրավիրել։

― Ո՞վ է Վալենտինին։

― Ospedale Maggiore-ի վիրաբույժներից է։

― Լավ։ Շատ երախտապարտ կլինեմ ձեզ։ Հասկանում եք, բժիշկ, չեմ կարող վեց ամիս անկողնին գամվել։

― Ինչո՞ւ անկողնին։ Սկզբում արևի լոգանք կընդունեք։ Հետո կանցնեք թեթև վարժությունների։ Իսկ երբ թաղանթ գոյանա, կվիրահատենք։

― Բայց չեմ կարող վեց ամիս սպասել։

Բժիշկը նրբակիրթ շարժումներով շոյեց գլխարկը ու ժպտաց։

― Այդքան շտապո՞ւմ եք ճակատ վերադառնալ։

― Իսկ ինչո՞ւ ոչ։

― Հիանալի է, ― ասաց նա։ ― Ազնիվ երիտասարդ եք։ ― Կռացավ ու շատ նրբավարի համբուրեց ճակատս։ ― Կկանչեմ Վալենտինիին։ Մի անհանգստացեք և մի հուզվեք։ Խելոք մնացեք։

― Ուզո՞ւմ եք խմել, ― հարցրի ես։

― Շնորհակալություն։ Չեմ խմում։

― Գոնե մի բաժակ։

Զանգեցի, որպեսզի դռնապանը բաժակ բերի։

― Ոչ, ոչ, շնորհակալություն։ Ինձ սպասում են։

― Ցտեսություն, ― ասացի ես։

― Ցտեսություն։

Երկու ժամից սենյակ մտավ բժիշկ Վալենտինին։ Շատ էր շտապում, և բեղի ծայրերը ցցվել էին։ Մայորի աստիճան ուներ, դեմքն արևակեզ էր, և նա անընդհատ ծիծաղում էր։

― Էս ո՞նց եք հաջողեցրել, ― հարցրեց նա։ ― Ապա տվեք լուսանկարները։ Ըհը։ Ա՜յ թե ինչ։ Երևում է, որ ցուլի պես առողջ եք։ Ո՞վ է այս գեղեցիկ աղջիկը։ Ձեր սիրուհի՞ն։ Այդպես էլ գիտեի։ Գարշելի բան է պատերազմը։ Այստեղ ցավո՞ւմ է։ Ապրեք։ Կկարկատենք, կնորոգենք։ Իսկ այստե՞ղ։ Ցավո՞ւմ է։ Այն էլ ինչպե՜ս։ Այս բժիշկ կոչվածները ինչքան են սիրում ցավ պատճառել։ Իսկ մինչև հիմա ի՞նչ բուժում եք ստացել։ Այս աղջիկն իտալերեն գիտե՞։ Պետք է սովորեցնել։ Հոյակապ աղջիկ է։ Օրինակ, ես հաճույքով կսովորեցնեի։ Հենց այս հիվանդանոցում էլ կպառկեմ։ Չէ, ավելի լավ է նրա բոլոր ծննդաբերությունների ժամանակ ձրի մանկաբարձ լինել։ Հասկանո՞ւմ է, թե ինչ եմ ասում։ Նա ձեզ համար մի լավ տղա կբերի։ Իր նման շիկահեր։ Այսպես, լավ է։ Շատ լավ է։ Հոյակապ աղջիկ է։ Հարցրեք, չի՞ համաձայնի ինձ հետ ընթրել։ Չէ, ես չեմ ուզում նրան ձեզնից խլել։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ, միսս։ Այսքան բան էի ուզում իմանալ։ ― Նա թփթփացրեց ուսիս։ ― Վիրակապերը հանեք, պետք չեն։

― Ուզում ե՞ք խմել, դոկտոր Վալենտին։

― Խմե՞լ։ Անշուշտ։ Տասը բաժակ էլ կխմեմ։ Իսկ ո՞ւր են բաժակները։

― Պահարանում են։ Միսս Բարկլին հիմա կբերի շիշը։

― Ձեր կենացը։ Ձեր կենացը, միսս։ Ի՜նչ հոյակապ աղջիկ է։ Ես ձեզ ավելի լավ գինի կբերեմ։ ― Նա սրբեց բեղերը։

― Ինչ եք կարծում, ե՞րբ կարելի է վիրահատել։

― Վաղը առավոտյան։ Ավելի շուտ չի լինի։ Պետք է մաքրել ստամոքսը։ Ամեն ինչ մաքրել, բան չթողնել։ Հիմա պառավի մոտ, կիջնեմ, կարգադրություն կանեմ։ Ցտեսություն։ Վաղը կհանդիպենք։ Ես ձեզ սրանից լավ գինի կբերեմ։ Շատ հաճելի է ձեզ մոտ։ Ցտեսություն։ Մինչև վաղը։ Լավ քնեք։ Ես շուտ կգամ։

Դռան միջից ձեռքով արեց ինձ, բեղերը ցցվել էին, թուխ դեմքը անընդհատ ժպտում էր։ Թևի վրա եզրապատված մի աստղ կար, որովհետև նա մայոր էր։

Գլուխ 16

Այդ գիշեր, պատշգամբի բաց դռնից, որտեղից գիշերն էր երևում քաղաքի տանիքների վրա, մի չղջիկ թռավ սենյակ։ Սենյակում մութ էր, միայն քաղաքի վրա սփռված գիշերն էր թույլ լուսավորել պատշգամբը, և չղջիկը չվախեցավ, սկսեց թռչել սենյակում ինչպես բաց երկնքի տակ։ Մենք պառկած հետևում էինք նրան, ու նա երևի չէր տեսնում մեզ, որովհետև մենք շատ լուռ էինք պառկած։ Երբ նա դուրս թռավ, լուսարձակների ճառագայթներ տեսանք ու նայեցինք, թե ինչպես էր լուսավոր շերտը շարժվում երկնքում, և թե ինչպես հետո անհետացավ ու ամեն ինչ նորից մթնեց։ Գիշերը քամի բարձրացավ, ու հարևան շենքի տանիքից մենք լսեցինք զենիթային հրանոթների շուրջը կանգնած հրետանավորների ձայները։ Զով էր, ու նրանք թիկնոց էին հագնում։ Գիշերվա կեսին անհանգստացա, որ մարդ չմտնի հանկարծ, բայց Կետրինն ասաց, որ բոլորը քնած են։ Գիշերը միայն մի անգամ քնեցինք, ու երբ արթնացա, տեսա, որ Կետրինը սենյակում չէ, բայց միջանցքից լսեցի նրա ոտնաձայնը, դուռը բացվեց, նա մոտեցավ մահճակալին և ասաց, որ ամեն ինչ կարգին է, քիչ առաջ նա ներքև էր իջել և տեսել, որ բոլորը քնած են։ Մոտեցել էր միսս Վան Քամփենի դռանը ու ականջ դրել, թե ինչպես է շնչում քնի մեջ։ Բեկաբլիթ էր բերել, մենք վերմուտ խմեցինք ու կերանք բեկաբլիթները։ Շատ էինք քաղցած, բայց նա ասաց, որ առավոտյան հարկ կլինի ստամոքս մաքրել։ Առավոտվա դեմ, երբ հազիվ սկսեց լուսանալ, ես նորից քնեցի ու երբ արթնացա, տեսա, որ Կետրինը դարձյալ սենյակում չէ։ Նա վերադարձավ թարմ ու գեղեցիկ, նստեց մահճակալին, և մինչ ես պառկել էի ջերմաչափը բերանիս, արևը դուրս եկավ, ու մենք զգացինք տանիքներից եկող ցողի հոտը, իսկ հետո՝ սրճի, որ հրետանավորներն էին եփում հարևան տանիքին։

― Ինչ լավ կլիներ զբոսանքի գնայինք, ― ասաց Կետրինը։ ― Եթե բազկաթոռ ունենայինք, դուրս կհանեի քեզ։

― Իսկ ինչպե՞ս պիտի նստեի։

― Մի կերպ։

― Մենք կարող էինք զբոսանքի գնալ ու բաց օդում նախաճաշել։ ― Դուրս նայեցի դռնից։

― Մենք ուրիշ բան պետք է անենք, ― ասաց նա, ― պետք է մինչև քո ընկերոջ, դոկտոր Վալենտինի գալը, ամեն ինչով պատրաստ լինենք։

― Լավ բժիշկ է, չէ՞։

― Ինձ այնքան դուր չեկավ, որքան քեզ։ Բայց երևի լավ բժիշկ է։

― Խնդրում եմ, ինձ մոտ արի, Կետրին, ― ասացի ես։

― Չեմ կարող։ Ինչքան լավ էր գիշերը, չէ՞։

― Իսկ չե՞ս կարող այս գիշեր էլ հերթապահել։

― Գուցե։ Բայց դու ինձ չես ուզենա։

― Կուզենամ։

― Չես ուզենա։ Դու առաջին անգամն ես վիրահատվում։ Չգիտես, թե դա ինչ բան է։

― Գիտեմ։ Լավ բան է։

― Սիրտդ կխառնի, ու ես քեզ համար գոյություն չեմ ունենա։

― Ուրեմն, հիմա արի ինձ մոտ։

― Ոչ, սիրելիս, ― ասաց նա։ ― Պետք է քո ջերմության թերթիկը լրացնեմ և քեզ կարգի բերեմ։

― Ուրեմն, չես սիրում ինձ։ Եթե սիրեիր, կգայիր։

― Հիմար տղա ես։ ― Համբուրեց ինձ։ ― Ջերմության կորագիծը պատրաստ է։ Ջերմությունդ միշտ նորմալ է։ Այնքան սիրելի է ջերմությունդ։

― Իսկ ինձ համար դու ես սիրելի։

― Ոչ, ոչ, քո ջերմությունն է սիրելի։ Ես անչափ հպարտ եմ քո ջերմությամբ։

― Երևի մեր բոլոր երեխաներն էլ սքանչելի ջերմություն կունենան։

― Մեր երեխաները երևի զզվելի ջերմություն կունենան։

― Իսկ ի՞նչ պետք է անել մինչև Վալենտինիի գալը։

― Առանձնապես ոչինչ, բայց տհաճ բաներ են։

― Երանի ուրիշն աներ։

― Ոչ մի դեպքում։ Չեմ ուզում, որ ուրիշը դիպչի քեզ։ Հիմար եմ ես։ Եթե որևէ մեկը քեզ դիպչի, կկատաղեմ։

― Նույնիսկ Ֆերգյուսո՞նը և Գեյջը, մեկ էլ, չեմ հիշում, ինչ էր անունը․․․

― Ուոքեր։

― Այո, այո։ Ինչքան հիվանդապահուհի կա այստեղ։ Եթե ուրիշ վիրավորների չբերեն, մեզ երևի տեղափոխեն։ Հիմա չորս բուժքույր կա հիվանդանոցում։

― Գուցե և բերեն։ Չորս բուժքույրն այնքան էլ շատ չեն։ Բավական մեծ հիվանդանոց է։

― Ես էլ հույս ունեմ, որ կբերեն։ Ի՞նչ եմ անելու, եթե ինձ տեղափոխեն։ Եթե վիրավորներ չգան, կտեղափոխեն։

― Ես էլ դուրս կգամ։

― Հիմար բաներ մի խոսիր։ Դու դեռ ոչ մի տեղ էլ չես կարող գնալ։ Բայց շուտ լավացիր, սիրելիս, և մենք միասին կգնանք։

― Իսկ հետո՞։

― Գուցե վերջանա պատերազմը։ Մի օր պիտի վերջանա, չէ՞։

― Կառողջանամ, ― ասացի ես։ ― Վալենտինին ինձ ոտքի կհանի։

― Քիչ բան չէ այդպիսի բեղ ունենալը։ Միայն, գիտես, սիրելիս, երբ սկսեն թմրեցնել, որևէ բանի մասին մտածիր, մեր մասին չմտածես։ Թմրած մարդիկ շաղակրատ են դառնում։

― Ի՞նչ մտածեմ։

― Ինչ որ ուզում ես։ Բացի մեզնից։ Հարազատներիդ հիշիր։ Կամ մի ուրիշ աղջկա։

― Չեմ կարող։

― Այդ դեպքում աղոթիր։ Դա մեծ տպավորություն կթողնի։

― Ինչ գիտես, գուցե և չեմ խոսի։

― Գուցե։ Ոչ բոլորն են խոսում։

― Ես էլ չեմ խոսի։

― Մի պարծենա, սիրելիս։ Խնդրում եմ, մի պարծենա։ Դու այնքան լավն ես, կարիք չկա պարծենալու։

― Ոչ մի բառ չեմ ասի։

― Այ, նորից ես պարծենում։ Ինչ կարիք կա պարծենալու։ Երբ ասեն խորը շնչիր, սկսիր աղոթել կամ ոտանավոր արտասանել։ Այդ դեպքում, ամեն ինչ լավ կլինի, ու ես կհպարտանամ քեզնով։ Հիմա էլ եմ քեզնով հպարտանում։ Քո ջերմությունն այնքան սիրելի է, և դու փոքրիկ տղայի նման ես քնում, գրկում ես բարձը և կարծում, թե դա ես եմ։ Իսկ գուցե ես չեմ, որի՞շն է։ Մի գեղեցիկ իտալուհի՞։

― Ոչ, դու ես։

― Իհարկե ես եմ։ Ես քեզ շատ եմ սիրում, և կտեսնես, Վալենտինը կբուժի ոտքդ։ Ուրախ եմ, որ ստիպված չեմ լինի վիրահատությանը ներկա լինել։

― Հերթապա՞ս ես գիշերը։

― Այո։ Բայց դա քեզ համար նշանակություն չի ունենա։

― Տեսնենք։

― Եղավ, սիրելիս։ Հիմա դու մաքուր ես թե ներսից, թե դրսից։ Ինձ մի բան ասա։ Կյանքումդ քանի՞ կնոջ ես սիրել։

― Ոչ մեկին։

― Նույնիսկ ի՞նձ։

― Ոչ, քեզ սիրում եմ։

― Ուրիշ քանի՞ հոգու։

― Ոչ մեկին։

― Իսկ քանիսի․․․ ինչպես են ասում․․․ քանիսի՞ հետ ես եղել։

― Ոչ մեկի։

― Ճիշտ չես ասում։

― Այո։

― Լավ ես անում։ Դու ինձ միշտ էլ ճիշտ բաներ մի ասա։ Ես այդպես եմ ուզում։ Գեղեցի՞կ կանայք էին։

― Գաղափար չունեմ։

― Դու իմն ես։ Սա՛ է միայն ճիշտ, և դու երբեք ոչ մեկին չես պատկանել։ Բայց եթե նույնիսկ պատկանել ես, նշանակություն չունի ինձ համար։ Ես նրանցից չեմ վախենում։ Միայն թե չպատմես նրանց մասին։ Իսկ եթե տղամարդն ու կինը միասին են լինում, կինը ե՞րբ է խոսում գնի մասին։

― Չգիտեմ։

― Իհարկե չգիտես։ Իսկ կինն ասո՞ւմ է, որ սիրում է նրան։ Ասա։ Ուզում եմ իմանալ։

― Այո։ Եթե տղամարդն ուզում է։

― Իսկ տղամարդն ասո՞ւմ է, որ սիրում է նրան։ Ասա, խնդրում եմ, դա շատ կարևոր է։

― Եթե ուզենա, ասում է։

― Բայց դու երբեք չես ասել։ Ճի՞շտ է։

― Ոչ։

― Չես ասել, չէ՞։ Ճիշտն ասա։

― Ոչ, ― ստեցի ես։

― Չես ասել։ Գիտեի, որ չես ասել։ Դու իմ սիրելին ես, ու ես քեզ շատ, շատ եմ սիրում։

Արևը բարձրացել էր տանիքների վրա, ու արևի ցոլքերի մեջ երևում էր տաճարի սուր ծայրը։ Ես մաքուր էի թե դրսից, թե ներսից, և բժշկին էի սպասում։

― Ուրեմն այդպես, ― ասաց Կետրինը։ ― Կինն ասում է այն ամենն, ինչ տղամարդն է ուզում։

― Ոչ միշտ։

― Բայց ես կասեմ։ Կասեմ այն, ինչ դու ես ուզում, կանեմ այն, ինչ դու ես ուզում, և դու ուրիշ ոչ մի աղջկա չես ցանկանա, չէ՞։ ― Երջանիկ ինձ նայեց։ ― Կանեմ այն, ինչ ուզում ես, կասեմ այն, ինչ ուզում ես, և ամեն ինչ լավ կլինի, այնպես չէ՞։

― Այո։

― Իսկ հիմա, երբ արդեն պատրաստ ես վիրահատման, ի՞նչ ես ուզում։

― Ուզում եմ, որ ինձ մոտ գաս։

― Լավ։ Կգամ։

― Օ, իմ շատ, շատ, շատ սիրելիս, ― ասացի ես։

― Տեսնում ես, ― ասաց նա, ― ինչ որ ուզում ես, անում եմ։

― Դու շատ լավն ես։

― Վախենում եմ, որ դեռ լրիվ գոհ չես ինձնից։

― Դու շատ լավն ես։

― Ես ուզում եմ այն, ինչ դու ես ուզում։ Ես չկամ։ Միայն այն, ինչ դու ես ուզում։

― Իմ սիրելի, իմ լավ․․․

― Գոհ ես ինձնից։ Գոհ ես, չէ՞։ Ուրիշ կանայք չե՞ս ուզում, չէ՞։

― Ոչ։

― Տեսնո՞ւմ ես։ Գոհ ես։ Ես անում եմ այն, ինչ դու ես ուզում։

Գլուխ 17

Երբ վիրահատությունից հետո արթնացա, վերանալու զգացում չկար։ Այսպիսի դեպքերում չես վերանում։ Պարզապես շնչահեղձ ես լինում։ Դա նման չէ մահվան։ Դա գազից առաջացող շնչահեղձություն է, այնպես որ, ոչինչ չես զգում, իսկ հետո քեզ թվում է, թե սաստիկ հարբած ես եղել, բացառությամբ այն պահերի, երբ փսխում ես և միայն մաղձ է դուրս գալիս ու վիճակդ չի փոխվում։ Մահճակալի ծայրին ավազով լցված պարկեր տեսա, որոնք ձգում էին գիպսեկապից ցցված ձողերը։ Քիչ անց տեսա նաև միսս Գեյջին, ու նա հարցրեց։

― Ինչպե՞ս եք հիմա։

― Ավելի լավ, ― ասացի ես։

― Նա հրաշալի վիրահատեց ձեր ծունկը։

― Ինչքա՞ն տևեց։

― Երկու ու կես ժամ։

― Հիմար բաներ դուրս տվի՞։

― Ոչ մի բան։ Մի խոսեք։ Հանգիստ պառկեք։

Սիրտս խառնում էր։ Եվ ճիշտ էր ասում Կետրինը։ Ինձ համար միևնույն էր, թե ով է հերթապահում գիշերը։

Հիվանդանոցում, բացի ինձնից, երեք նոր հիվանդ կային։ Նրանցից մեկը ջորջիացի էր, աշխատում էր կարմիր խաչում, նիհարակազմ էր և դողերոցք ուներ։ Մյուսը Նյույորքցի հիանալի մի տղա էր, նա էլ էր նիհար, դողերոցք ու դեղնախտ ուներ։ Իսկ երրորդը հոյակապ տղա էր, որի խելքին փչել էր քանդել ավստրիական շրապնելի հեռացույց խողովակի փականը և հուշանվեր վերցնել։ Դա շրապնելաֆուգասային կոմբինացված ռումբ էր, որ ավստրիացիներն օգտագործում էին լեռներում։ Այդ ռումբը կրկնակի գործողության հեռացույց խողովակ ուներ։

Հիվանդապահուհիները շատ էին սիրում Կետրին Բարկլիին, որովհետև նա միշտ պատրաստ էր գիշերները հերթապահելու։ Դողերոցքով տառապողներն առանձնապես խնամքի կարիք չունեին, իսկ երրորդ հիվանդը, որ հանել էր պայթուցիչի փականը, մեր ընկերն էր և միայն խիստ անհրաժեշտության դեպքում էր զանգում գիշերները, և աշխատանքից ազատ ժամերին Կետրինը միշտ ինձ հետ էր լինում։ Ես շատ էի սիրում նրան, նա էլ՝ ինձ։ Ցերեկները քնում էի, իսկ եբր քնած չէինք, երկտող էինք գրում իրար և ուղարկում միսս Ֆերգյուսոնի միջոցով։ Ֆերգյուսոնը հիանալի աղջիկ էր։ Ես ոչինչ չգիտեի նրա մասին, գիտեի միայն, որ եղբայրներից մեկը հիսուներկուերորդ դիվիզիայում է, իսկ մյուսը՝ Միջագետքում, մեկ էլ այն, որ նա շատ էր կապված Կետրին Բարկլիին։

― Կգա՞ք մեր հարսանիքին, ― մի անգամ հարցրի նրան։

― Դուք երբեք չեք ամուսնանա։

― Կամուսնանանք։

― Ոչ, չեք ամուսնանա։

― Ինչո՞ւ։

― Կգժտվեք մինչև հարսանիքը։

― Մենք երբեք չենք գժտվել։

― Դեռ շատ ժամանակ կա։

― Մենք երբեք չենք գժտվի։

― Ուրեմն, կմեռնեք։ Կամ կգժտվեք, կամ կմեռնեք։ Միշտ այդպես է լինում։ Ոչ ոք չի ամուսնանում։

Ուզեցի բռնել նրա ձեռքը։

― Չդիպչեք ինձ, ― ասաց նա։ ― Ես չեմ արտասվի։ Գուցե ամեն ինչ լավ լինի ձեր կյանքում։ Բայց այնպես արեք, որ բան չպատահի նրան։ Եթե ձեր պատճառով նրան մի բան պատահի, ես կսպանեմ ձեզ։

― Ոչինչ չի պատահի։

― Դե, ուրեմն, իմացեք։ Կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի ձեր կյանքում։ Հիմա երկուսդ էլ լավ եք զգում։

― Հիանալի ենք զգում։

― Դե, ուրեմն, մի գժտվեք։ Եվ այնպես արեք, որ բան չպատահի նրան։

― Մի անհանգստացեք։

― Լավ հիշեք։ Չեմ ուզում, որ մենակ մնա, պատերազմից ծնված երեխան ձեռքին։

― Դուք հիանալի աղջիկ եք, Ֆերջի։

― Ոչ մի հիանալի։ Մի քծնեք։ Ինչպե՞ս է ձեր ոտքը։

― Լավ է։

― Իսկ գլո՞ւխը։ ― Մատները դիպան գլխիս։ Եթե փայտացած ոտքիս կպչեին, երևի նույն զգացողությունն ունենայի։

― Ինձ երբեք չի անհանգստացնում։

― Այդպիսի ուռուցքից հետո շատ հեշտ էր ուղեղի խանգարում ստանալ։ Բնա՞վ չի անհանգստացնում։

― Բնավ։

― Երջանիկ մարդ եք։ Գրեցի՞ք երկտողը։ Հիմա իջնելու եմ։

― Վերցրեք, ― ասացի ես։

― Խնդրեցեք, որ ժամանակավորապես հրաժարվի հերթապահությունից։ Շատ է հոգնում։

― Լավ, կասեմ։ Ես էի ուզում հերթապահ լինել, բայց նա չի թողնում։ Մյուսներն ուրախությամբ են իրենց հերթը զիջում։ Թող հանգստանա մի քիչ։

― Լավ։

― Միսս Վան Քամփենն արդեն խոսում է, որ դուք մինչև կեսօր քնում եք։

― Այդպես էլ գիտեի։

― Լավ կլիներ պնդեիք, որ գոնե մի քանի գիշեր չհերթապահեր։

― Ես էլ եմ ուզում։

― Ոչինչ էլ չեք ուզում։ Բայց եթե կարողանաք համոզել, ես կհարգեմ ձեզ։

― Կհամոզեմ։

― Չեմ հավատում։

Նա երկտողը վերցրեց ու դուրս եկավ։ Սեղմեցի զանգի կոճակը, և քիչ անց մտավ միսս Գեյջը։

― Ի՞նչ է պատահել։

― Ուզում էի խոսել ձեզ հետ։ Չեք կարծո՞ւմ, որ միսս Բարկլիին գոնե մի քանի օր պետք է ազատել հերթապահությունից, որպեսզի մի քիչ հանգստանա։ Սարսափելի հոգնած տեսք ունի։ Ինչո՞ւ է այդքան երկար հերթապահում։

Միսս Գեյջն ինձ նայեց։

― Ես ձեր բարեկամն եմ, ― ասաց նա։ ― Կարիք չկա ինձ հետ այդ ձևով խոսել։

― Ի՞նչ եք ուզում ասել։

― Հիմար մի ձևացեք։ Սա՞ էր ձեր ասելիքը։

― Վերմուտ ուզո՞ւմ եք։

― Մի քիչ կխմեմ։ Բայց հետո անմիջապես կգնամ։

Պահարանից հանեց շիշը և բաժակը դրեց սեղանին։

― Բաժակը դուք վերցրեք։ Ես շշից կխմեմ։

― Ձեր կենացը, ― ասաց միսս Գեյջը։

― Միս Քամփենն այդ ինչե՞ր է տարածում, թե ես իբր շատ ուշ եմ զարթնում։

― Փնթփնթում է, էլի, անընդհատ։ «Առանձնաշնորհյալ հիվանդ» է դրել ձեր անունը։

― Թող գրողի ծոցը կորչի։

― Չար կին չէ, ― ասաց միսս Գեյջը։ ― Պարզապես ծեր է և տարօրինակություններ ունի։ Դուք հենց սկզբից դուր չեկաք նրան։

― Ճիշտ է։

― Իսկ ինձ դուր եք գալիս։ Ու ես ձեր բարեկամն եմ։ Չմոռանաք այդ։

― Դուք չափազանց լավն եք։

― Մի սկսեք։ Գիտեմ ձեզ համար ով է լավը։ Բայց ես ձեր բարեկամն եմ։ Ինչպե՞ս է ոտքը։

― Հիանալի։

― Ես հիմա սառը հանքային ջուր կբերեմ ու կթրջեմ ձեր ոտքը։ Երևի քոր է գալիս գիպսի տակ։ Շոգ է այսօր։

― Դուք շատ լավն եք։

― Շա՞տ է քոր գալիս։

― Ոչ, ոչ։ Ամեն ինչ կարգին է։

― Պետք է պարկերն ուղղել։ ― Նա կռացավ։ ― Ես ձեր բարեկամն եմ։

― Գիտեմ։

― Ոչ, չգիտեք։ Բայց մի օր կիմանաք։

Կետրին Բարկլին երեք գիշեր չհերթապահեց, բայց հետո նորից եկավ։ Կարծես մեզնից յուրաքանչյուըը երկար ճամփորդության էր մեկնել և հիմա կրկին հանդիպել։

Գլուխ 18

Այդ ամառը մենք հիանալի անցկացրինք։ Երբ ինձ թույլ տվեցին ոտքի ելնել, մենք սկսեցինք հաճախ զբոսայգի գնալ։ Հիշում եմ կառքի դանդաղավազք ձին, կառապանի մեջքը, նրա լաքե ցիլինդրը, և կողքիս նստած Կետրին Բարկլիին։ Երբ մեր ձեռքերն իրար էին դիպչում, երբ ձեռքս թեկուզ թեթևակի դիպչում էր նրան, երկուսս էլ հուզվում էինք։ Ավելի ուշ, երբ արդեն կարողանում էի հենակներով քայլել, մենք Բիֆֆիի մոտ էինք գնում ճաշելու կամ Գրան֊Իտալիա և նստում դրսի սեղաններից մեկին, galleria-ում։ Մատուցողներն անընդհատ գնում֊գալիս էին, և փողոցում անցորդներ էին քայլում, և սփռոցով ծածկված սեղանների վրա լուսամփոփով մոմեր էին դրված, և շուտով մենք համոզվեցինք, որ մեզ ամենից ավելի դուր է գալիս Գրան֊Իտալիան, և ավագ մատուցող Ժորժը մեզ համար միշտ սեղան էր պահում։ Նա հրաշալի մատուցող էր, ու մինչ նստած նայում էինք անցորդներին, մթնաշաղի մեջ սուզվող galleria-ին և միմյանց, նա մեզ համար ճաշ էր պատվիրում։ Խմում էինք սեղանի սպիտակ կապրի, որ դրված էր սառույցով դույլի մեջ։ Բայց ասեմ, որ մենք ուրիշ շատ գինիներ էլ փորձեցինք՝ ֆրեզա, բարբերա և սպիտակ քաղցր գինիներ։ Պատերազմի պատճառով, ռեստորանում գինու հատուկ մատուցող չկար և երբ ես ֆրեզայի նման գինի էի խնդրում, Ժորժը շփոթված ժպտում էր։

― Կարելի՞ է պատկերացնել մի երկիր, որտեղ գինիները ելակի համ ունենան, ― մի անգամ ասաց նա։

― Իսկ դա ինչո՞վ է վատ, ― հարցրեց Կետրինը։ ― Ինձ նույնիսկ դուր է գալիս։

― Եթե ուզում եք, փորձեք, լեյդի, ― ասաց Ժորժը։ ― Բայց թույլ տվեք tenente-ի համար մի շիշ մարգո բերել։

― Ես էլ եմ ուզում փորձել, Ժորժ։

― Սըր, խորհուրդ չէի տա ձեզ։ Նույնիսկ ելակի համ էլ չունեն։

― Իսկ եթե հանկարծ ունենա՞ն, ― ասաց Կետրինը։ ― Ինչ լավ կլիներ։

― Կբերեմ, ― ասաց Ժորժը։ ― Ու երբ լեյդին բավարարվի, ետ կտանեմ։

Գինին վատն էր, Ժորժն իրավացի էր, ելակի համ էլ չէր գալիս։ Նորից անցանք կապրիի։ Մի երեկո ես դրամ չունեի, և Ժորժն ինձ հարյուր լիրա պարտք տվեց։

― Ոչինչ, ոչինչ, tenente, ― ասաց նա։ ― Ո՞ւմ չի պատահում։ Բոլորին էլ պատահում է։ Եթե դուք կամ լեյդին դրամի կարիք ունենաք, ես միշտ պատրաստ եմ։

Ճաշից հետո զբոսնում էինք galleria-ում, անցնում ուրիշ ռեստորանների և փեղկերը փակ խանութների կողքով ու կանգ առնում մի կրպակի առջև, որտեղ սենդվիչներ էին վաճառում։ Խոզապուխտի, հազարի և անձրևուկի մատնաչափ փոքրիկ սենդվիչներ։ Մենք գնում էինք մի քանի հատ, որպեսզի ուտենք գիշերը։ Հետո galleria-ի մուտքի մոտ, տաճարի դիմաց, բաց կառք էինք նստում և վերադառնում հիվանդանոց։ Դռնապանը դուրս էր գալիս շենքից և օգնում, որ հենակներով վեր բարձրանամ։ Վճարում էի կառապանին, ու մենք մտնում էինք վերելակ։ Կետրինը դուրս էր գալիս այն հարկում, որտեղ հիվանդապահուհիներն էին ապրում, իսկ ես շարունակում էի բարձրանալ, ապա հենակներով անցնում միջանցքով ու գնում իմ սենյակը։ Երբեմն հանվում էի ու անկողին մտնում, իսկ երբեմն նստում էի պատշգամբում և, ոտքս աթոռին դրած, հետևում տանիքների վրա թռչող ծիծեռնակներին և սպասում Կետրինին։ Երբ գալիս էր, ինձ թվում էր, թե երկարատև ճամփորդությունից էր վերադառնում, ու հենակներով նրա հետ միասին քայլում էի միջանցքում, տաշտեր տանում, կանգնում դռան մոտ կամ ներս մտնում, նայած, թե ով էր հիվանդը, ու երբ նա վերջացնում էր գործը, մենք նստում էինք իմ պատշգամբում։ Հետո ես անկողին էի մտնում, ու երբ բոլորն արդեն քնած էին, ու նա վստահ էր լինում, որ էլ ոչ ոք չի կանչի, գալիս էր ինձ մոտ։ Սիրում էի քանդել նրա մազերը, իսկ նա անշարժ նստում էր մահճակալին, երբեմն միայն հանկարծ արագ կռանում և համբուրում ինձ, և ես հանում էի նրա հերակալները, և սավանի վրա դնում, և մազերը քիչ֊քիչ ընկնում էին, և ես հետևում էի, թե ինչպես էր նա անշարժ նստած, և հետո վերջին երկու հերակալն էի հանում, և մազերը լրիվ էին թափվում, և նա իջեցնում էր գլուխը, և մազերը ծածկում էին երկուսիս, և այնպես էր թվում, որ կարծես վրանում լինեինք կամ ջրվեժի տակ։

Զարմանալի գեղեցիկ մազեր ուներ, և ես երբեմն պառկած նայում էի, թե ինչպես էր մազերը հյուսում բաց դռնից ընկնող լույսի տակ, և դրանք գիշերն էլ էին փայլփլում, ինչպես երբեմն ջուրն է փայլփլում լուսաբացից առաջ։ Նա հրաշալի դեմք ուներ, հրաշալի մարմին և հրաշալի ողորկ մաշկ։ Մենք պառկում էինք իրար կողքի, և ես մատների ծայրով շոյում էի նրա և այտերը և ճակատը, և աչքերի տակը, և կզակը, և ասում․ «դաշնամուրի ստեղների պես ողորկ են»։ Եվ նա շոյում էր կզակս և ասում․ «Հղկաքարի պես ողորկ է, բայց և շատ կոշտ, եթե դաշնամուրի ստեղներին քսես։

― Ծակո՞ւմ է։

― Ոչ սիրելիս։ Ուզում էի հոգուդ հետ խաղալ։

Գիշերները հրաշալի էին անցնում, ու եթե թեկուզ նույնիսկ դիպչում էինք միմյանց, արդե՛ն երջանիկ էինք։ Բացի ուրախության մեծ պահերից, մենք մեր սերն արտահայտում էինք նաև ուրիշ միջոցներով, ու երբ տարբեր սենյակներում էինք լինում, աշխատում էինք մեր մտքերը հեռավորությունից հաղորդել իրար։ Երբեմն դա կարծես հաջողվում էր։ Երևի այն պատճառով, որ երկուսս էլ նույն բանն էինք մտածում։

Ասում էինք, որ մենք ամուսնացել ենք հենց այն օրը, երբ նա հիվանդանոց եկավ, ու ամիսները հաշվում էինք մեր ամուսնության օրվանից։ Ես իսկապես ուզում էի ամուսնանալ, բայց Կետրինն ասում էր, որ այդ դեպքում նրան կստիպեն հեռանալ, և հենց որ փորձենք հաղթահարել ձևականությունները, կսկսեն հետևել նրան ու կբաժանեն մեզ։ Ուզած֊չուզած պետք է իտալական օրենքներին ենթարկվեինք, իսկ այդ ձևականություններն ուղղակի անտանելի էին։ Ես իսկապես ուզում էի ամուսնանալ, որովհետև երբ մտածում էի ապագա երեխայի մասին, այդ միտքը տանջում էր ինձ, բայց մենք ամուսնացած էինք համարում մեզ, դրա համար էլ շատ չէինք անհանգստանում, ինչ֊որ տեղ ես նույնիսկ ուրախ էի, որ իսկապես չենք ամուսնացել։ Հիշում եմ, թե ինչպես մի գիշեր խոսեցինք այդ մասին, ու Կետրինն ասաց․

― Բայց, սիրելիս, ինձ անմիջապես կուղարկեն այստեղից։

― Գուցե և չեն ուղարկի։

― Կուղարկեն։ Տուն կուղարկեն, և մինչև պատերազմի վերջը էլ չենք հանդիպի։

― Արձակուրդ կգամ։

― Արձակուրդի ժամանակ անհնար է Շոտլանդիա հասնել և վերադառնալ։ Եվ հետո ես քեզ չեմ թողնի։ Ինչի՞ համար հիմա ամուսնանանք։ Մենք առանց այդ էլ ամուսնացած ենք։ Չեմ էլ պատկերացնում սրանից ավելի ամուսնացած։

― Ես քեզ համար էի ուզում միայն։

― Ես չկամ։ Ես դու եմ։ Խնդրում եմ, առանձին «ես» չհնարես։

― Կարծում էի, որ աղջիկները միշտ էլ ամուսնանալ են ուզում։

― Ճիշտ է։ Բայց, սիրելիս, ես ամուսնացած եմ։ Քեզ հետ։ Մի՞թե լավ կին չեմ։

― Դու հրաշալի կին ես։

― Գիտես, սիրելիս, ամուսնության սպասելու մի փորձ արդեն ունեմ։

― Չեմ ուզում լսել այդ մասին։

― Դու լավ գիտես, որ ես միայն քեզ եմ սիրում։ Ինչ նշանակություն ունի, որ մեկ ուրիշն էլ է ինձ սիրել։

― Ունի։

― Նա մեռած է, իսկ դու ամեն ինչ ունես։ Էլ ինչո՞ւ ես խանդում։

― Թեկուզ։ Բայց չեմ ուզում այդ մասին լսել։

― Խեղճ տղա։ Ես գիտեմ, որ դու ամեն տեսակ աղջիկների հետ ես եղել, բայց դա ինձ չի հուզում։

― Իսկ չե՞նք կարող գաղտնի ամուսնանալ։ Իսկ եթե հանկարծ ինչ֊որ բան պատահի ինձ կամ, ասենք, երեխա ունենաս։

― Երկու տեսակ ամուսնություն կա միայն, եկեղեցական կամ քաղաքացիական։ Իսկ մենք առանց այդ էլ գաղտնի ենք ամուսնացած։ Սիրելիս, եթե ես կրոնամոլ լինեի, դա ինձ համար անշուշտ նշանակություն կունենար։ Բայց ես կրոնամոլ չեմ։

― Դու ինձ սուրբ Անտոնիո տվեցիր։

― Հետո՛ ինչ, ինձ էլ են տվել։ Բախտի համար։

― Ուրեմն, քեզ ոչինչ չի՞ անհանգստացնում։

― Միայն քեզնից բաժանվելը։ Դու իմ կրոնն ես։ Դու ամեն ինչ ես ինձ համար։

― Դե լավ։ Բայց հենց որ ուզես, ես կամուսնանամ քեզ հետ։

― Սիրելիս, այնպես մի խոսիր, որ կարծես ուզում ես ինձ օրինավոր կին դարձնել։ Ես միանգամայն օրինավոր եմ։ Ամոթալի ոչինչ չկա, եթե երջանիկ ես և քո երջանկությամբ հպարտ։ Մի՞թե դու երջանիկ չես։

― Բայց դու ինձ երբեք չես լքի և ուրիշի մոտ չես գնա, չէ՞։

― Ոչ, սիրելիս։ Ուրիշի համար երբեք չեմ թողնի քեզ։ Ինձ թվում է, թե սարսափելի բաներ են պատահելու մեզ։ Բայց պետք չէ այդ մասին մտածել։

― Չեմ էլ մտածում։ Բայց ես քեզ շատ եմ սիրում, իսկ դու արդեն սիրել ես ուրիշին։

― Իսկ ի՞նչ է եղել հետո։

― Մահացել է։

― Այո, եթե չմահանար, քեզ չէի հանդիպի։ Այնպես որ, չասես թե անհավատարիմ եմ։ Շատ թերություններ ունեմ, բայց և շատ հավատարիմ եմ։ Այ, կտեսնես, իմ հավատարմությունը ձանձրացնելու է քեզ։

― Շուտով ճակատ կվերադառնամ։

― Քանի այստեղ ես, եկ չմտածենք այդ մասին։ Հասկացիր, ես շատ երջանիկ եմ, և լավ է այստեղ, երկուսով։ Վաղուց է, ինչ երջանիկ չեմ եղել ու երբ քեզ հանդիպեցի, գրեթե ցնդած էի արդեն։ Երևի ցնդած էի։ Բայց հիմա մենք երջանիկ ենք և սիրում ենք միմյանց։ Արի երջանիկ լինենք։ Դու երջանիկ ես, այնպես չէ՞։ Գուցե այնպիսի բան եմ արել, որ քեզ դուր չի՞ եկել։ Ասա, ի՞նչ անեմ, որ քեզ դուր գա։ Ուզո՞ւմ ես, քանդեմ մազերս։ Ուզո՞ւմ ես։

― Այո։ Եվ պառկիր ինձ մոտ։

― Լավ։ Բայց նախ հիվանդների մոտ անցնեմ, հետո։

Գլուխ 19

Այսպես ամառն անցավ։ Քիչ բան եմ հիշում այդ օրերից, հիշում եմ միայն, որ շոգ էր և թերթերը լցված էին հաղթանակներով։ Ես շատ առողջ էի, դրա համար էլ վերքերս շուտ լավացան, այնպես որ, հենակներով քայլելուց կարճ ժամանակ անց արդեն կարողացա գցել դրանք և միայն ձեռնափայտ օգտագործել։ Հետո սկսեցի բուժումներ ընդունել Ospedale Maggiore-ում, որպեսզի ծալվեր ծունկս, մեխանիկական թերապիա, ապակեպատ արկղում մանիշակագույն ճառագայթներով տաքացում, մասաժ և լոգանք։ Ճաշից հետո էի բուժման գնում, վերադարձին անցնում էի սրճարան, գինի խմում և թերթ կարդում։ Չէի թափառում քաղաքում, ուզում էի հենց սրճարանից հիվանդանոց գնալ։ Իմ միակ փափագն էր Կետրինին տեսնել։ Իսկ մնացած ժամերն աշխատում էի մի կերպ կարճացնել։ Առավոտներն ընդհանրապես քնում էի, կեսօրից հետո երբեմն գնում էի ձիարշավի, ապա՝ մեխանիկական բուժում ընդունելու։ Երբեմն անցնում էի անգլո֊ամերիկյան ակումբ, նստում պատուհանի դիմաց, կաշեպատ խոր բազկաթոռին և ամսագրեր կարդում։ Հենց որ հենակները գցեցի, մեզ այլևս չէին թողնում միասին դուրս գալ, որովեհտև հիվանդապահուհուն անվայել էր զբոսնել մի հիվանդի հետ, որը կարիք չուներ օգնության, դրա համար էլ մենք ցերեկները հազվադեպ էինք հանդիպում։ Երբեմն մեզ հաջողվում էր քաղաքում միասին ճաշել, բայց միայն այն դեպքում, եթե Ֆերգյուսոնը մեզ հետ էր լինում։ Ես ու Կետրինը մտերիմ բարեկամներ էինք համարվում, և միսս Վան Քամփենն ստիպված էր հաշտվել այդ իրողության հետ, որովհետև Կետրինը հիվանդանոցում շատ էր օգնում նրան։ Նա մտածում էր, որ Կետրինը լավ ընտանիքի աղջիկ է, և դրա շնորհիվ մենք վերջնականապես շահեցինք նրա համակրանքը։ Միսս Վան Քամփենը մեծ նշանակություն էր տալիս ծագումին, մանավանդ որ, ինքն էլ հասարակության բարձր խավի ծնունդ էր։ Բացի այդ, հիվանդանոցում շատ գործեր ու հոգսեր կային, որոնք խլում էին նրա ժամանակը։ Շոգ ամառ էր, և Միլանում ես բազմաթիվ ծանոթներ ունեի, բայց երբ սկսում էր մթնել, շտապում էի հիվանդանոց։ Ռազմաճակատը մոտեցել էր Կարսոյին, Պլավայի հանդիպակաց ափին գտնվող Կուկն արդեն գրավված էր, հիմա հարձակումն ուղղված էր Բաինզիցա հարթավայրի վրա։ Արևմտյան ճակատում գործերն այնքան էլ լավ չէին։ Թվում էր, թե պատերազմն արդեն չափից դուրս ձգվեց։ Հիմա մենք էլ էինք պատերազմին մասնակցում, բայց, իմ կարծիքով, մի ամբողջ տարի էր պետք, որպեսզի կարողանային բավականաչափ զորք տեղափոխել և կռվի պատրաստել։ Հաջորդ տարին վատ տարի էր լինելու, գուցե և լավ։ Իտալացիները հսկայական կորուստներ էին կրում։ Չէի պատկերացնում, թե ինչ էր լինելու վերջը։ Եթե Բարինզիցայի ամբողջ հարթավայրն ու Մոնտե Սան Գաբրիելեն անգամ գրավեն, դեռ բազմաթիվ լեռներ են մնում ավստրիացիների ձեռքին։ Տեսել եմ դրանք։ Ամենաբարձր լեռներն են։ Կարսոյի մոտ հնարավոր եղավ առաջ գնալ, բայց ներքևում, ծովի մոտ, ճահիճներ ու մորուտներ կային միայն։ Նապոլեոնն ավստրիացիներին հովտում կջարդեր։ Լեռներում երբեք չէր կռվի նրանց հետ։ Կթողներ, որ իջնեն, ու Վերոնայի մոտ կջարդեր նրանց։ Բայց արևմտյան ճակատում դեռևս ոչ մեկը մյուսին չէր ջարդում։ Գուցե պատերազմներն այլևս չեն ավարտվում հաղթանակով։ Գուցե նաև ընդհանրապես չեն ավարտվում։ Գուցե սա մի նոր հարյուրամյա պատերազմ է։ Թերթը դրեցի սեղանին ու դուրս եկա ակումբից։ Զգուշությամբ իջա աստիճաններով ու քայլեցի Վիա Մանցոնիով։ Գրան֊օթելի առջև տեսա կառքից դուրս եկող ծերունի Մեյերսին ու նրա կնոջը։ Ձիարշավից էին վերադառնում։ Կինը մեծ կրծքեր ուներ, հագել էր մետաքսե սև զգեստ։ Ամուսինը փոքրամարմին էր և ծեր, ճերմակ բեղերով ու տափակոտն, քայլում էր ձեռնափայտով։

― Ինչպե՞ս եք, ինչպե՞ս եք, ― կինը սեղմեց ձեռքս։

― Ողջույն, ― ասաց Մեյերսը։

― Ինչպե՞ս էր ձիարշավը։

― Հոյակապ էր։ Շատ լավ էր։ Երեք անգամ շահել եմ։

― Իսկ դո՞ւք, ― հարցրի Մեյերսին։

― Ոչինչ։ Մի անգամ շահեցի։

― Ես նրա գործերի մասին երբեք ոչինչ չգիտեմ, ― ասաց միսսիս Մեյերսը։ ― Նա ինձ երբեք չի պատմում։

― Գործերս լավ են, ― ասաց Մեյերսը։ Աշխատում էր սիրալիր երևալ։ ― Արժե, որ մի անգամ դուք էլ գաք ձիարշավի։ ― Խոսելիս այնպիսի տպավորություն էր թողնում, որ կարծես քեզ չէր նայում կամ ուրիշի հետ էր շփոթում։

― Կգամ, ― ասավի ես։

― Ես կայցելեմ ձեզ, ― ասաց միսսիս Մեյերսը։ ― Մի քանի բան ունեմ տղաներիս համար։ Դուք բոլորդ էլ իմ տղաներն եք։ Իմ սիրելի տղաները։

― Շատ ուրախ կլինեն ձեզ տեսնելու։

― Իմ սիրելի տղաները։ Դուք էլ։ Դուք էլ իմ տղաներից մեկն եք։

― Պետք է արդեն գնամ, ― ասացի ես։

― Բարևեցեք իմ բոլոր սիրելի տղաներին։ Շատ համեղ բաներ եմ բերելու նրանց։ Հիանալի մարսալա ունեմ և կարկանդակներ։

― Ցտեսություն, ― ասացի ես, ― անչափ ուրախ կլինեն ձեզ տեսնելու։

― Ցտեսություն, ― ասաց Մեյերսը։ ― Galleria անցեք։ Գիտեք որտեղ է իմ սեղանը։ Մենք ամեն երեկո այնտեղ ենք։

Շարունակեցի ճանապարհս։ Ուզում էի Կովայից որևէ բան առնել Կետրինի համար։ Մի տուփ շոկոլադ գնեցի, և մինչ վաճառուհին փաթաթում էր թղթի մեջ, մոտեցա բարին։ Վաչճառասեղանի առջև նստել էին երկու անգլիացի և մի քանի օդաչու։ Սուսուփուս մարտինի խմեցի, վճարեցի, վերցրի շոկոլադի տուփը ու գնացի հիվանդանոց։

Լա Սկալա տանող փողոցի փոքրիկ բարի առջև ծանոթների հանդիպեցի․ փոխհյուպատոսին, երգեցողության դասեր առնող երկու երիտասարդների և Էտտորե Մորեիին, Սան Ֆրանցիսկոյի մի իտալացու, որը իտալական բանակում էր ծառայում։ Բար մտանք ու խմեցինք միասին։ Երգիչներից մեկին կոչում էին Ռալդ Սիմոնս, և նա երգում էր Էնրիկե դել Կրեդո ավան տակ։ Չգիտեի, թե ինչպես էր երգում, բայց նա միշտ ինչ֊որ մեծ իրադարձությունների շեմին էր լինում։ Գիրուկ էր, և մաշկը թեփոտ էր քթի ու բերանի շուրջը, կարծես խոտատենդ էր կպել։ Պյաչենցա էր գնացել հյուրախաղերի և հենց նոր վերադարձել։ Երգել էր «Տոսկա», մեծ հաջողություն ունեցել։

― Բայց դուք ինձ երբեք չեք լսել, ― ասաց նա։

― Ե՞րբ եք այստեղ երգելու։

― Աշնանը «Լա֊Սկալայում» ելույթ կունենամ։

― Գրազ գանք, որ աթոռներ են շպրտելու վրան, ― ասաց Էտտորեն։ ― Չե՞ք լսել Մոդենայում ոնց են աթոռները վրան շպրտել։

― Սուտ է։

― Ես ներկա էի։ Վեց աթոռ էլ ինքս եմ շպրտել։

― Դատարկախոս ֆրիսկոցի։

― Ահավոր է նրա իտալերեն արտասանությունը, ― ասաց Էտտորեն։ ― Որտեղ էլ երգի, աթոռներ են շպրտում վրան։

― Ամբողջ հյուսիսային Իտլիայում Պյաչենցայից վատ թատրոն չես գտնի, ― ասաց մյուս տենորը։ ― Հավատացնում եմ, զզվելի տեղ է։

Այս տենորին կոչում էին Էդգար Սաունդերս, երգում էր Էդուարդո Ջիովաննի անվան տակ։

― Ափսոս, այնտեղ չեմ եղել, շատ կուզենայի տեսնել, թե ոնց են աթոռները շպրտում ձեզ վրա, ― ասաց Էտտորեն։ ― Դուք իտալերեն երգել չգիտեք։

― Նա հիմար է, ― ասաց Էդգար Սաունդերսը։ ― Ավելի խելոք բան չէր կարող հնարել։

― Հանդիսատեսները չեն կարող ավելի խելոք բան հնարել, երբ դուք երկուսդ եք երգում, ― ասաց Էտտորեն։ ― Իսկ հետո վերադառնում եք Ամերիկա և պատմում, թե ինչպիսի փայլուն հաջողություն եք ունեցել Լա Սկալայում։ Հենց առաջին նոտայից ձեզ կվռնդեն Լա Սկալայից։

― Ես երգելու եմ Լա Սկալայում, ― ասաց Սիմոնսը։ ― Հոկտեմբերին «Տոսկա» եմ երգելու։

― Ինչ արած, պիտի գնալ, Մակ, ― Էտտորեն ասաց փոխհյուպատոսին։ ― Մեկ էլ տեսար պաշտպանելու կարիք եղավ։

― Գուցե ամերիկյան բանակը պաշտպանության հասնի, ― ասաց փոխհյուպատոսը։ ― Ուզո՞ւմ եք էլի խմել, Սիմոնս։ Սաունդե՛րս, մի բաժակ էլ լցնեմ։

― Լցրեք, ― ասաց Սաունդերսը։

― Լսել եմ, որ արծաթե մեդալ եք ստանում, ― Էտտորեն ասաց ինձ։ ― Ինչի՞ հիման վրա են տալիս։

― Չգիտեմ։ Չեմ էլ իմանում, կստանամ, թե ոչ։

― Կստանաք։ Աստված իմ, Կովայի աղջիկների ուշքը կգնա։ Կկարծեն, որ դուք մենակ երկու հարյուր ավստրիացու եք սպանել կամ մի ամբողջ խրամատ գերի բռնել։ Հավատացնում եմ, ես ճակատիս քրտինքով եմ արժանացել իմ պատվանշաններին։

― Քանի՞ հատ ունեք, Էտտորե, ― հարցրեց փոխհյուպատոսը։

― Ինչքան ուզես, ― ասաց Սիմոնսը։ ― Ինչ է, չգիտե՞ք, որ միայն նրա համար են պատերազմում։

― Երկու անգամ բրոնզե մեդալի են ներկայացրել, երեք անգամ էլ՝ արծաթե, ― ասաց Էտտորեն։ ― Բայց միայն մի հատ եմ միշտ ստացել։

― Իսկ մյուսնե՞րն ինչ են եղել, ― հարցրեց Սիմոնսը։

― Օպերացիան անհաջող էր անցել, ― ասաց Էտտորեն։ ― Իսկ երբ անհաջող է անցնում, ոչ մի մեդալ էլ չեն տալիս։

― Քանի՞ անգամ ես վիրավորվել, Էտտորե։

― Երեք անգամ ծանր։ Վերքերի համար երեք մակաթել ունեմ։ Խնդրեմ, կարող եք նայել։ ― Բարձրացրեց բաճկոնի թևը։ Ուսից ութ մատնաչափ ներքև, սև ֆոնի վրա, արծաթե երեք զուգահեռ շերտեր կային։

― Կարծես դուք էլ մի հատ ունեք, ― Էտտորեն ասաց ինձ։ ― Հավատացնում եմ, շատ լավ բան է մակաթել ունենալը։ Նույնիսկ մեդալից եմ նախընտրում։ Հավատացնում եմ, սիրելիս, երեք հատն արդեն ինչ֊որ բան արժե։ Անգամ մի հատ ստանալու համար պետք է երեք ամիս հիվանդանոց պառկել։

― Իսկ որտեղի՞ց եք վիրավորված, Էտտորե, ― հարցրեց փոխհյուպատոսը։

Էտտորեն բարձրացրեց թևը։

― Խնդրեմ, ― ցույց տվեց երկար, հարթ և կարմիր մի սպի։ ― Հետո՝ ոտքից։ Բայց չեմ կարող ցույց տալ, որովհետև փաթաթանի տակ է։ Մեկ էլ՝ թաթս։ Ոտքիս մեջ մեռած մի ոսկոր կա, որից մինչև հիմա վատ հոտ է գալիս։ Ամեն առավոտ մաս֊մաս դուրս եմ հանում, բայց հոտը չի անցնում։

― Ինչի՞ց եք վիրավորվել, ― հարցրեց Սիմոնսը։

― Նռնակից։ Կարտոֆիլի ճմլիչի նման մի բան էր։ Ոտքիս մի մասը տարավ։ ― Ու դարձավ ինձ։ ― Գիտե՞ք ինչ բան է կարտոֆիլի ճմլիչը։

― Իհա՛րկե։

― Տեսա, թե այդ շան որդին ոնց գցեց, ― ասաց Էտտորեն։ ― Նռնակը գետին շպրտեց ինձ, ու ես մտածեցի, որ մեռնում եմ արդեն, բայց դու մի ասա, այդ ճմլիչները բանի պետք չեն։ Հրացանով սպանեցի այդ շան որդուն։ Ես միշտ հրացան եմ պահում, որպեսզի չիմանան, որ սպա եմ։

― Ի՞նչ տեսք ուներ, ― հարցրեց Սիմոնսը։

― Ընդամենը մի նռնակ կար մոտը, ― ասաց Էտտորեն։ ― Չգիտեմ ինչու գցեց։ Երևի վաղուց էր առիթ փնտրում։ Գուցե երբեք իսկական կռիվ չէր տեսել։ Ես այդ շան որդուն տեղնուտեղը սպանեցի։

― Ի՞նչ տեսք ուներ, երբ կրակեցիք նրա վրա, ― հարցրեց Սիմոնսը։

― Ինչ իմանամ, ― ասաց Էտտորեն։ ― Փորին կրակեցի։ Վախեցա, որ եթե գլխին կրակեմ, կվրիպեմ։

― Վաղո՞ւց եք սպայի կոչում ստացել, Էտտորե, ― հարցրի ես։

― Երկու տարի։ Շուտով կապիտան կդառնամ։ Իսկ դուք վաղո՞ւց եք ստացել լեյտենանտի կոչում։

― Երրորդ տարին է արդեն։

― Դուք չեք կարող կապիտան դառնալ, որովհետև իտալերեն վատ գիտեք, ― ասաց Էտտորեն։ ― Խոսել գիտեք, բայց չեք կարող վարժ կարդալ ու գրել։ Կապիտան դառնալու համար հատուկ կրթություն է պետք։ Ինչո՞ւ ամերիկյան բանակ չեք տեղափոխվում։

― Գուցե տեղափոխվեմ։

― Աստված տա ես էլ կարողանայի։ Ինչքա՞ն է ստանում ամերիկացի կապիտանը, Մակ։

― Հաստատ չգիտեմ։ Կարծեմ մոտ երկու հարյուր հիսուն դոլար։

― Հիսո՜ւս Քրիստոս, ինչ ասես չես անի երկու հարյուր հիսուն դոլարով։ Քանի շուտ է, տեղափոխվեք։ Տեսեք, թե կարող եք։

― Սիրով։

― Կարող եմ իտալերեն հրամաններ տալ վաշտին։ Ինչ մի դժվար բան է, անգլերեն էլ կսովորեմ։

― Դուք գեներալ էլ կդառնաք, ― ասաց Սիմոնսը։

― Ոչ, իմ գիտելիքները բավարար չեն, որպեսզի գեներալ դառնամ։ Իսկ գեներալը պետք է ամեն ինչ իմանա։ Ձեզ նման թեթևամիտները կարծում են, թե խաղ ու պար է պատերազմը։ Ձեր խելքը տասնապետի համար էլ քիչ է։

― Փառք աստծո, կարիք չունեմ, ― ասաց Սիմոնսը։

― Ինչ գիտեք, մեկ էլ տեսար բոլոր անբաններին հավաքեցին։ Չեք պատկերացնում, ինչքան կուզենայի, որ իմ դասակում լինեիք։ Մակն էլ։ Ես ձեզ իմ համհարզը կդարձնեի, Մակ։

― Դուք լավ տղա եք, Էտտորե, ― ասաց Մակը։ ― Բայց, իմ կարծիքով, ռազմամոլ եք։

― Մինչև պատերազմի վերջը գնդապետ կդառնամ։

― Եթե մինչ այդ չսպանեն ձեզ։

― Չեն սպանի։ ― Բթամատն ու ցուցամատը տարավ օձիքի աստղին։ ― Տեսա՞ք ինչ արեցի։ Եթե մահվան մասին խոսեն, պետք է միշտ աստղերը բռնել։

― Գնանք, Սիմ, ― ասաց Սաունդերսը և վեր կացավ։

― Գնանք։

― Ցտեսություն, ― ասացի ես։ ― Ես էլ պետք է գնամ։ ― Վեցից տասնհինգ էր պակաս։ ― Ciao, Էտտորե։

― Ciao, Ֆրեդ։ Լսել եմ, որ անպայման կստանաք։

― Դե լավ, ցտեսություն, ― ասացի ես։ ― Զգույշ, փորձանքի մեջ չընկնեք, Էտտորե։

― Մի անհանգստացեք։ Ոչ խմում եմ, ոչ էլ թրև գալիս։ Ոչ հարբեցող եմ, ոչ էլ կնամոլ։ Ես իմ գործը գիտեմ։

― Ցտեսություն, ― ասացի ես։ ― Ուրախ եմ, որ կապիտանի աստիճան են տալու ձեզ։

― Կարիք չի լինի սպասելու։ Մարտական ծառայությունների համար կտան։ Դուք հո լավ գիտեք։ Խաչաձև սրերով երեք աստղ, վերևում՝ թագ։ Եվ հենց ես եմ դա։

― Դե, հաջողություն։

― Ցտեսություն։ Ե՞րբ եք ճակատ վերադառնալու։

― Շուտով։

― Դե լավ, կհանդիպենք դեռ։

― Առայժմ։

― Ցտեսություն։ Շուտ լավացեք։

Քայլեցի դեպի մոտակա նրբանցքը և կարճ ճանապարհով դուրս եկա հիվանդանոց։ Էտտորեն քսաներեք տաեկան էր, ապրել ու մեծացել էր Սան Ֆրանցիսկոյում, հորեղբոր մոտ և նոր էր Տուրին եկել ծնողներին այցելելու, երբ պատերազմ էր հայտարարվել։ Նա մի քույր ուներ, որը նույնպես հորեղբոր մոտ էր ապրում և այս տարի պետք է ավարտեր մանկավարժական ուսումնարանը։ Նա այն օրինավոր ու միօրինակ հերոսներից էր, որոնք ձանձրույթ են պատճառում բոլորին։ Կետրինը չէր հանդուրժում նրան։

― Մեզ մոտ էլ հերոսներ կան, ― ասում էր նա, ― բայց, սիրելիս, նրանք սովորաբար շատ ավելի համեստ են։

― Նա ինձ չի խանգարում։

― Ինձ էլ չի խանգարում, միայն թե շատ պարծենկոտ է, հետո ձանձրալի մարդ է, ձանձրալի, ձանձրալի։

― Ինձ էլ է ձանձրույթ պատճառում։

― Գիտեմ, ինձ համար ես ասում, սիրելիս։ Բայց պետք չէ։ Պատկերացնում եմ նրան ռազմաճակատում, երևի լավ էլ կռվում է, բայց, միևնույն է, տանել չեմ կարող այդպիսի տղաների։

― Քիչ առաջ ասում էր, որ կապիտան է դառնալու։

― Ուրախ եմ, ― ասաց Կետրինը։ ― Երևի ինչքան գոհ է։

― Կուզենայի՞ր, որ ավելի բարձրաստիճան լինեի։

― Ոչ, սիրելիս։ Կուզենայի այնպիսի աստիճան ունենայիր, որ կարողանայինք ամենալավ ռեստորաններ գնալ։

― Այս աստիճանով էլ կարող ենք։

― Ես շատ եմ սիրում քո աստիճանը։ Պետք չէ ավելի բարձրը։ Դա կարող է նույնիսկ գլխահան անել քեզ։ Չես պատկերացնում, որքան ուրախ եմ, որ դու պարծենկոտ չես։ Եթե լինեիր էլ, կամուսնանայի։ Բայց գիտե՞ս ինչ հաճելի է, երբ ամուսինդ պարծենկոտ չէ։

Մենք ցածրաձայն խոսում էինք պատշգամբում։ Արդեն ուր որ է պետք է լուսինը երևար, բայց քաղաքի վրա մառախուղ էր իջել, և լուսին չկար։ Քիչ անց սկսեց անձրև մաղել, ու մենք ներս մտանք։ Շուտով մառախուղը փոխվեց տեղատարափ անձրևի, և մենք լսեցինք, թե ինչպես էին խոշոր կաթիլները թմբկահարում տանիքը։ Վեր կացա, մոտեցա պատշգամբին և ստուգեցի, թե ջուրը ներս չէ՞ր մտնում արդյոք, բայց պարզվեց, որ ոչ, ու ես բաց թողեցի դուռը։

― Էլ ո՞ւմ ես տեսել, ― հարցրեց Կետրինը։

― Միստր և միսսիս Մեյերսներին։

― Տարօրինակ զույգ են։

― Ասում են, որ հայրենիքում բանտարկված է եղել։ Բաց են թողել, որ ազատության մեջ մեռնի։

― Եվ այդ օրից ի վեր երջանիկ ապրո՞ւմ է։

― Չգիտեմ, թե որքանով է երջանիկ։

― Ենթադրում եմ, որ բանտից հետո պետք է երջանիկ լինի։

― Կինն ուզում է նվերներ բերել մեզ։

― Հիանալի նվերներ է բերում։ Դու էլ ես նրա սիրելի տղաներից մեկը, չէ՞։

― Անշուշտ։

― Բոլորդ էլ նրա սիրելի տղաներն եք, ― ասաց Կետրինը։ ― Նա միայն սիրելի տղաների է նախընտրում։ Լսո՞ւմ ես անձրևի ձայնը։

― Ուժեղ անձրև է։

― Եվ դու միշտ սիրելու ես ինձ, չէ՞։

― Այո։

― Եվ նշանակություն չունի, անձրև է գալիս, թե ոչ։

― Իհարկե չունի։

― Ինչ լավ է։ Որովհետև ես վախենում եմ անձրևից։

― Ինչո՞ւ։

Քունս տանում էր։ Դրսում համառորեն շարունակում էր անձրև տեղալ։

― Չգիտեմ, սիրելիս։ Միշտ վախեցել եմ անձրևից։

― Իսկ ես սիրում եմ։

― Սիրում եմ քայլել անձրևի տակ։ Բայց սիրո համար վատ նշան է անձրևը։

― Ես քեզ միշտ սիրելու եմ։

― Ես քեզ սիրելու եմ և անձրևին, և ձյունին, և կարկուտին․․․ Էլ ի՞նչ է լինում․․․

― Չգիտեմ։ Քունս տանում է։

― Քնիր, սիրելիս, իսկ ես ինչ էլ որ լինի, սիրելու եմ քեզ։

― Դու իսկապե՞ս վախենում ես անձերևից։

― Երբ քեզ հետ եմ՝ ոչ։

― Իսկ ինչո՞ւ ես վախենում։

― Չգիտեմ։

― Ասա։

― Մի ստիպիր։

― Ասա։

― Չեմ ասի։

― Ասա։

― Լավ։ Ես վախենում եմ անձրևից, որովհետև երբեմն ինձ թվում է, թե անձրևի տակ եմ մեռնելու։

― Ոչ, ոչ։

― Իսկ երբեմն էլ թվում է, թե դու ես մեռնելու։

― Դա ավելի հավանական է։

― Ոչ, սիրելիս։ Որովհետև ես կարող եմ պահպանել քեզ։ Գիտե՛մ, որ կարող եմ։ Բայց ոչ ոք չի կարող իրեն պահպանել։

― Խնդրում եմ, վերջ տուր։ Չեմ ուզում այս գիշեր շոտլանդական զառանցանքներ լսել։ Առանց այդ էլ քիչ ժամանակ ունենք։

― Ինչ կարող եմ անել, ես շոտլանդացի եմ և խենթ եմ։ Բայց վերջ կտամ։ Հիմար բաներ են դրանք։

― Այո, հիմար բաներ են։

― Հիմար բաներ են։ Հիմար բաներ, ուրիշ ոչինչ։ Ես չեմ վախենում անձրևից։ Ախ, աստված իմ, երանի թե կարողանայի։

Լաց էր լինում։ Հանգստացրի, ու նա լռեց։ Բայց դեռ անձրև էր գալիս։

Գլուխ 20

Մի անգամ կեսօրից հետո գնացինք ձիարշավի։ Մեզ հետ էին Ֆերգյուսոնը և Քրոուել Ռոջերսը, որը ռումբի հեռացույց խողովակը հանելիս վնասել էր աչքը։ Աղջիկները հագնվում էին, իսկ մենք երկուսս նստել էինք Ռոջերսի սենյակում, նրա մահճակալին, և սպորտային տեղեկագրում կարդում էինք վերջին ձիարշավների արդյունքների մասին ու տարբեր ենթադրություններ, թե ովքեր կհաղթեն հետագա խաղերին։ Քրոուելի գլուխը վիրակապված էր, և ձիարշավը գրեթե չէր հետաքրքրում նրան, բայց քանի որ բան ու գործ չուներ, կանոնավոր կերպով կարդում էր սպորտային տեղեկագիրը և հետևում ձիերի խաղին։ Ասում էր, որ բոլոր ձիերն էլ անպետք են, բայց ավելի լավերը չկան այստեղ։ Ծերունի Մեյերսը սիրում էր նրան և խորհուրդներ էր տալիս։ Մեյերսը միշտ հաղթում էր, բայց չէր սիրում խորհուրդներ տալ, որովհետև դրանով նվազում էր իր շահույթը։ Ձիարշավի ժամանակ շատ խարդախություններ էին լինում։ Իտալիայում էին աշխատում այն բոլոր ժոկեյները, որոնց վռնդել էին աշխարհի բոլոր ձիարշավարաններից։ Մեյերսի խորհուրդներն ընդհանրապես ճիշտ էին, բայց ես չէի սիրում նրան հարցնել, որովհետև կամ չէր պատասխանում, կամ դժվարությամբ էր բերանը բացում, բայց, չգիտես ինչու, պարտավորված էր զգում անպայման հուշել մեզ, մանավանդ՝ Քրոուելին։ Քրոուելի աչքերը վնասված էին, մի աչքը՝ հատկապես, Մեյերսի աչքն էլ ինչ֊որ կարգին չէր, դրա համար էլ սիրում էր Քրոուելին։ Մեյերսը կնոջը երբեք չէր ասում, թե որ ձիու վրա է խաղում, և կինը մեկ շահում էր, մեկ տարվում, մեծ մասամբ՝ տարվում և անընդհատ շատախոսում։

Չորս հոգով նստեցինք մի բաց կառք ու գնացինք Սեն֊Սիրո։ Հիանալի օր էր։ Մենք անցանք զբոսայգով, հետո գնացինք տրամվայի գծերի երկայնքով, վերջապես դուրս եկանք քաղաքից և ընկանք մի փոշոտ ճանապարհ։ Ճանապարհի երկու կողմերում երկաթե ճաղերով առանձնատներ կային, լքված այգիներ, ջրառատ առուներ և փոշոտ տերևներով ծածկված ագարակներ։ Հարթավայրի ծայրին երևում էին ֆերմերների տները, ընդարձակ կանաչ դաշտեր, ոռոգիչ առուներ, իսկ հեռավոր հյուսիսում՝ լեռներ։ Ձիարշավարան տանող ճանապարհը լեցուն էր կառքերով։ Դարպասի մոտ կանգնած հսկիչը տոմս չպահանջեց մեզնից, որովհետև մենք զինվորական համազգեստով էինք։ Իջանք կառքից, գնեցինք ծրագիրը, անցանք ճիմով պատված հարթ ճանապարհով և դուրս եկանք մարգաստան։ Տախտակե հին տրիբունաներ էին, տրիբունաների ներքևում՝ դրամարկղներ։ Ախոռների առջև՝ ևս մի շարք դրամարկղներ։ Ցանկապատի մոտ զինվորներ էին խռնվել։ Մարգաստանում մեծ բազմություն էր հավաքվել։ Դռների առջև, մեծ տրիբունայից այն կողմ, ախոռապանները ծառերի տակ ման էին ածում ձիերին։ Ծանոթների միջոցով աթոռներ ճարեցինք Ֆերգյուսոնի և Կետրինի համար ու սկսեցինք դիտել ձիերին։

Նրանք ման էին գալիս կլոր շրջանակի մեջ, սանձերից բռնված և գլուխները կախ։ Նրանցից մեկը սև էր, մանիշակագույն երանգով, ու Քրոուելը երդվում էր, թե այդ ձին ներկված է։ Ուշադիր նայեցինք և համաձայնեցինք նրա հետ։ Ձին դուրս բերեցին՝ թամբելու ազդանշան տալուց քիչ առաջ։ Իմացանք ախոռապանի թևին կապված համարը և, ըստ այդ համարի, ծրագրում փնտրեցինք ձիու անունը՝ սևաթույր կրտած ձի, անունը՝ Յափալաք։ Այսօր մրցման էին դուրս գալու այն ձիերը, որոնք հազար լիրայից ավելի չէին շահել երբեք։ Կետրինը հաստատ համոզված էր, որ ձին ներկել են։ Ֆերգյուսոնն ասաց, որ վստահ չէ։ Նրա տեսքն ինձ էլ էր կասկածելի թվում։ Որոշեցինք հենց այդ ձիու վրա խաղալ ու հարյուրական լիրա դրեցինք։ Հաշվեթղթում գրված էր, որ հաղթելու դեպքում երեսունհինգ անգամ ավելի կվճարվի։ Քրոուելը գնաց տոմսերն առնելու, իսկ մենք դիտում էինք, թե ինչպես ժոկեյները ծառերի տակ մի շրջան էլ արեցին, հետո ճանապարհ դուրս եկան և դանդաղ վազքով ուղղվեցին դեպի շրջադարձը, որտեղից պետք է մեկնարկ տրվեր։

Բարձրացանք տրիբունա, որպեսզի ձիարշավին հետևենք։ Այդ ժամանակ Սեն֊Սիրոյում առաձգական արգելագծեր չկային։ Մի մարդ հավասարեցրեց շարք կանգնած բոլոր ձիերին (հեռվից շատ փոքր էին երևում նրանք), հետո, երկար մտրակը օդում շրխկացնելով, մեկնարկ տվեց։ Նրանք անցան մեր դիմացից։ Սևաթույր ձին առջևից էր վազում, իսկ շրջադարձի մոտ մյուսներն արդեն բավական ետ էին ընկել նրանից։ Նայեցի հեռադիտակից ու տեսա, թե ինչպես էր ժոկեյը ճգնում զսպել նրան ու չէր կարողանում, և երբ ձիերն անցան շրջադարձից ու դուրս եկան առաջին վազքուղին, սևուկը տասնհինգ կորպուսով առաջ էր մյուսներից։ Նա անցավ սյունից և ևս կես շրջան արեց։

― Հիանալի է, ― ասաց Կետրինը։ ― Երեք հազար լիրայից ավելի կշահենք։ Ինչ հրաշալի ձի է։

― Հուսով եմ, որ մինչև վճարումը չի գունաթափվի, ― ասաց Քրոուելը։

― Չէ, իսկապես, հրաշալի ձի է, ― ասաց Կետրինը։ Հետաքրքիր է, միստր Մեյերսը նրա վրա՞ է խաղացել, թե ոչ։

― Շահեցի՞ք, ― գոռացի ես Մեյերսին։

Նա գլխով արեց։

― Իսկ ես տանուլ տվեցի, ― ասաց միսսիս Մեյերսը։ ― Իսկ դուք ո՞ր ձիու վրա էիք խաղում, երեխաներ։

― Յափալաքի։

― Իսկապե՞ս։ Այդ ձիու համար մեկի դիմաց երեսունհինգ են տալիս։ Գույնը դուր եկավ մեզ։

― Իսկ ինձ դուր չեկավ։ Շատ խեղճ թվաց։ Ասում էին, որ չարժե նրա վրա խաղալ։

― Շահույթը քիչ կլինի, ― ասաց Մեյերսը։

― Երեսունհինգ է նշված, ― ասացի ես։

― Շահույթը քիչ կլինի, ― ասաց Մեյերսը։ ― Վերջին պահին ահագին փող դրեցին այդ ձիու վրա։

― Ո՞վ։

― Քեմփթոնն ու իր տղաները։ Այ, կտեսնեք։ Եթե մեկի դիմաց երկու տան, էլի լավ է։

― Ուրեմն, երեք հազար լիրա չենք ստանա, ― ասաց Կետրինը։ ― Չեմ հավանում այս ձիարշավերը։ Պարզապես խարդախություն են անում։

― Երկու հարյուր լիրա կստանաք։

― Դատարկ բան։ Ինչներիս է պետք երկու հարյուր լիրան։ Կարծում էի, երեք հազար կստանանք։

― Խարդախություն և զզվանք, ― ասաց Ֆերգյուսոնը։

― Ճիշտ է, ― ասաց Կետրինը։ ― Եթե խարդախություն չանեին, մենք այդ ձիու վրա չէինք խաղա։ Բայց ինձ դուր է գալիս, որ երեք հազար լիրա ենք շահելու։

― Իջնենք, մի բան խմենք և իմանանք, թե ինչ ենք շահել, ― ասաց Քրոուելը։

Մոտեցանք հաշվետախտակին, և հենց այդ ժամանակ վճարումների զանգը խփեց, ու Յափալաքի անվան դիմաց գրվեց տասնութ ու հիսուն։ Դա նշանակում էր, որ մեկի դեմ երկուս էլ չենք ստանա։

Իջանք մեծ տրիբունայի տակ գտնվող բարը և մի֊մի սոդայով վիսկի խմեցինք։ Հանդիպեցինք երկու ծանոթ իտալացիների և փոխհյուպատոս Մակ Ադամսին ու միասին վեր բարձրացանք։ Իտալացիները հանդիսավոր էին պահում իրենց։ Մակ Ադամսը խոսքի բռնվեց Կետրինի հետ, իսկ մենք իջանք ներքև՝ նորից տոմսեր առնելու։ Դրամարկղներից մեկի մոտ կանգնած էր միստր Մեյերսը։

― Հարցրեք, թե որ ձիու վրա է խաղում, ― ասացի Քրոուելին։

― Որի՞ վրա եք խաղում, միստր Մեյերս, ― հարցրեց Քրոուելը։

Մեյերսը ծոցագրպանից հանեց ծրագիրը և մատիտով ցույց տվեց հինգերորդ համարը։

― Դեմ չե՞ք, եթե մենք էլ այդ համարի վրա խաղանք, ― հարցրեց Քրոուելը։

― Խաղացեք, խաղացեք։ Բայց կնոջս չասեք, որ ես եմ ձեզ խորհուրդ տվել։

― Գնանք մի բան խմենք, ― ասացի ես։

― Շնորհակալություն։ Առհասարակ չեմ խմում։

Մեկ շրջանի համար վճարեցինք լիրա, երկու շրջանի համար՝ ևս հարյուր, և դարձյալ մի֊մի բաժակ սոդայով վիսկի խմեցինք։ Տրամադրությունս շատ բարձր էր։ Մենք նորից երկու ծանոթ իտալացու հանդիպեցինք, խմեցինք յուրաքանչյուրի հետ և վերադարձանք աղջիկների մոտ։ Այս իտալացիները ևս շատ հանդիսավոր էին իրենց պահում և այդ իմաստով չէին զիջում նախորդ երկուսին։ Այնքան էին հանդիսավոր, որ քիչ անց արդեն ոչ ոք չէր կարողանում տեղը նստել։ Տոմսերը տվեցի Կետրինին։

― Ո՞ր ձին է։

― Չգիտեմ։ Միստր Մեյերսն է ընտրել։

― Անո՞ւնն էլ չգիտես։

― Ոչ։ Կարող ես ծրագրում փնտրել։ Կարծեմ հինգերորդն է։

― Շատ հուզիչ է ձեր դյուրահավատությունը, ― ասաց նա։

Հինգերորդը հաղթեց, բայց մենք ոչինչ չշահեցինք։ Միստր Մեյերսը զայրացած էր։

― Քսան լիրա շահելու համար պետք է երկու հարյուր դնել, ― ասաց նա։ ― Տասի դիմաց՝ տասներկու։ Ի՞նչ օգուտ դրանից։ Կինս քսան լիրա է շահել։

― Ես ձեզ հետ կգամ, ― Կետրինն ասաց ինձ։

Իտալացիները վեր կացան։ Մենք իջանք ներքև և մոտեցանք մարգաստանին։

― Հավանո՞ւմ եք այստեղ, ― հարցրեց Կետրինը։

― Ոչինչ, կարծես վատ չէ։

― Համենայն դեպս, հետաքրքիր է, ― ասաց նա։ ― Բայց, գիտես, սիրելիս, տանել չեմ կարող, երբ այսքան ծանոթներ են լինում շուրջդ։

― Ինչու, այնքան շատ էլ չեն։

― Ճիշտ է։ Բայց այդ մեյերսները, մեկ էլ բանկի աշխատողն իր կնոջ ու դուստրիկի հետ․․․

― Նա է վճարում չեկերը։

― Նա չլինի, թող ուրիշը լինի։ Իսկ իտալացի չորս տղաներն ուղղակի անտանելի էին։

― Ուզում ես, մնանք, այստեղից հետևենք մրցմանը։

― Շատ լավ կլինի։ Մեկ էլ, գիտես ինչ, արի մի այնպիսի ձիու վրա խաղանք, որի անունն անգամ չենք լսել և, մանավանդ, որի վրա չի խաղում միստր Մեյերսը։

― Արի։

Մենք խաղացինք «Աչքի լույս» անունով մի ձիու վրա, որը հինգից չորրորդը հասավ ֆինիշին։ Ցանկապատին հենված, նայում էինք ձիերին, որոնք, սմբակները գետնին զարնելով, անցնում էին մեր կողքից։ Ծառերից ու դաշտերից այն կողմ երևում էր Միլանը, իսկ ավելի հեռվում՝ լեռները։

― Այստեղ կարծես մի տեսակ ավելի մաքուր եմ, ― ասաց Կետրինը։

Թաց և քրտնած ձիերը վերադառնում էին ու ներս մտնում դարպասից։ Ժոկեյները հանգստացնում էին նրանց, մոտենում ծառերին և իջնում։

― Արի մի բան խմենք։ Միայն թե այստեղ, որպեսզի տեսնենք ձիերին։

― Հիմա կբերեմ, ― ասացի ես։

― Տղան թող բերի, ― ասաց Կետրինը և բարձրացրեց ձեռքը։ Ախոռների մոտ գտնվող «Փագոդա» բարի տղաներից մեկը մոտեցավ մեզ։ Նստեցինք երկաթե կլոր սեղանի շուրջը։

― Ավելի լավ չէ՞, երբ մենակ ենք։

― Այո, ― ասացի ես։

― Ես շատ մենակ էի, երբ մեզ հետ այդքան մարդիկ կային։

― Այստեղ շատ լավ է, ― ասացի ես։

― Այո։ Հոյակապ ձիարշավարան է։

― Ճիշտ է։

― Մի թող, որ հաճույքդ փչացնեմ։ Հենց որ ուզենաս կբարձրանանք։

― Ոչ, ― ասացի ես։ ― Կմնանք այստեղ ու կխմենք։ Հետո խոչընդոտներով ձիարշավ կլինի, ու մենք կկանգնենք ջրափոսի մոտ։

― Ինչքան բարի ես իմ նկատմամբ, ― ասաց նա։

Ու քանի որ այսքան երկար մնացինք մենակ, արդեն հաճելի էր մյուսներին տեսնել։ Եվ մենք հիանալի ժամանակ անցկացրինք։

Գլուխ 21

Եկան սեպտեմբերյան առաջին ցուրտ գիշերները, հետո օրերն էլ ցրտեցին, տերևները դեղնեցին զբոսայգում, և մենք հասկացանք, որ ամառն անցավ։ Գործերը վատ էին ռազմաճակատում, և դեռ չէր հաջողվում Սան֊Գաբրիելեն գրավել։ Բարինզիցիայի հարթավայրում մարտեր չկային արդեն, իսկ ամսվա կեսին Սան֊Գաբրիելեի տակ ևս մարտերը դադարեցին։ Այդպես էլ չկարողացան քաղաքը գրավել։ Էտտորեն գնաց ռազմաճակատ։ Ձիերին Հռոմ տարան, ու ձիարշավներ այլևս չկային։ Քրոուելը ևս Հռոմ գնաց, որտեղից տեղափոխվելու էր Ամերիկա։ Քաղաքում երկու անգամ հակապատերազմական խռովություն բարձրացավ, լուրջ անկարգություններ եղան նաև Տուրինում։ Ակումբում մի անգլիացի մայոր ինձ ասաց, որ իտալացիները հարյուր հիսուն հազար զինվոր են կորցրել Բարինզիցա հարթավայրում և Սան֊Գաբրիելեի տակ։ Բացի այդ, նա ասաց, որ քառասուն հազար էլ Կարսոյի մոտ են կորցրել։ Մենք խմեցինք, ու նրա լեզուն բացվեց։ Ասաց, որ այս տարի է՛լ ոչ մի մարդ չի լինի և որ իտալացիները իրենց վերմակից ավելին են ոտքերը պարզել։ Ասաց, որ Ֆլանդրիայի վրա կատարված հարձակումը անհաջողության էր մատնվել։ Եթե այսուհետև էլ, այս աշնան նման, մարդկանց չխնայեն, դաշնակիցները մի տարուց կկործանվեն։ Ասաց, որ բոլորս էլ արդեն կործանված ենք, բայց քանի դեռ չգիտենք, հանգիստ ապրում ենք։ Բոլորս էլ կործանված ենք։ Միակ միջոցն է չխոստովանել։ Կհաղթի այն երկիրը, որ վերջինը գլխի կընկնի իր կործանումը։ Մի քիչ էլ խմեցինք։ Ես շտաբից չե՞մ։ Ոչ։ Իսկ ինքը շտաբից է։ Երկուսս էլ, մենակ, փռվել էինք կաշվե մեծ բազմոցին։ Երկարաճիտ փայլատ կոշիկները խնամքով ներկված էին։ Հրաշալի կոշիկներ էին։ Նա ասաց, որ դատարկ բաներ են այս ամենը։ Բոլորն միայն դիվիզիաների և համալրումների մասին են մտածում։ Դիվիզիաների համար իրար միս են կրծում, իսկ հենց որ ստանձնում են ղեկավարությունը, տեղնուտեղը ոչնչացնում են այն։ Բոլորն էլ կործանված են։

Գերմանացիներն անընդհատ հաղթում էին։ Ա՜յ թե զինվոր եմ ասել։ Հին հոները, ահա թե ովքեր են իսկական զինվորները։ Բայց նրանք էլ են կործանված։ Բոլորս ենք կործանված։ Հարցրի, թե ինչ կարծիքի էր ռուսների մասին։ Ասաց, որ նրանք էլ են արդեն կործանված։ Շուտով ինքս էլ կհամոզվեմ, որ կործանված եմ։ Ավստրիացիներն էլ են կործանված։ Եթե մի քանի հոնական դիվիզիա ստանան, գլուխ կհանեն։ Իսկ ի՞նչ է կարծում, կհարձակվե՞ն այս աշնանը։ Անկասկած։ Իտալացիները կործանված են։ Բոլորն էլ գիտեն, որ նրանք կործանված են։ Հին հոները կանցնեն Տրենտինոն և Վիչենցայի մոտ կկտրեն երկաթուղային հաղորդակցությունը, և ի՞նչ կլինի իտալացիների վիճակը։ Տասնվեց թվականին ավստրիացիներն արդեն փորձել են, ասացի ես։ Բայց առանց գերմանացիների։ Ճիշտ է, ասացի ես։ Բայց դժվար թե այդպիսի բան անեն, ասաց նա։ Դա շատ պարզ միջոց էր։ Նրանք մի ավելի բարդ բան կմտածեն և վերջնականապես կկործանեն իրենց։ Պետք է գնամ, ասացի ես։ Պետք է հիվանդանոց գնամ։

― Ցտեսություն, ― ասաց նա։ Հետո զվարթ, ― հաջողություն։

Խոր հակասություն կար նրա հոռետես դատողությունների և ուրախ բնավորության միջև։

Մտա վարսավիրանոց ու սափրվեցի, հետո գնացի հիվանդանոց։ Այս օրերին ոտքս այնքան էր լավացել, որ ավելին չէի էլ պատկերացնում։ Դեռ երեք օր առաջ էին քննել։ Ospedale Maggiore-ում մի քանի պրոցեդուրա էր մնացել, ու հիմա ես քայլում էի նրբանցքով և փորձում էի չկաղալ։ Մի ծերունի, ծածկի տակ նստած, ուրվանկարներ էր կտրում թղթի վրա։ Կանգնեցի ու դիտեցի։ Երկու աղջիկ էին կանգնել նրա դիմաց, իսկ նա, գլուխը մի կողմ թեքած, նայում էր նրանց և, մկրատն արագ շարժելով, նույն թղթի վրա կտրում երկուսի ուրվանկարները։ Աղջիկները քրքջում էին։ Մինչև սպիտակ թղթի վրա փակցնելը և աղջիկներին տալը, ծերունին ինձ ցույց տվեց ուրվանկարները։

― Լավ են, չէ՞, ― ասաց նա։ ― Չէի՞ք ուզենա։

Աղջիկները իրենց ուրվանկարներին նայելով ու ծիծաղելով հեռացան։ Նրանցից մեկն աշխատում էր հիվանդանոցի դիմաց գտնվող գինետանը։

― Դե լավ, ― համաձայնեցի ես։

― Գլխարկը հանեք։

― Ոչ։ Թող մնա գլխարկը։

― Վատ կստացվի, ― ասաց ծերունին։ Հետո հանկարծ դեմքը պայծառացավ։ ― Ոչինչ, կարելի է, այսպես ավելի ռազմաշունչ կլինի։

Սև թղթի վրա շարժեց մկրատը, հետո երկու մասի բաժանեց, պրոֆիլները կպցրեց ստվարաթղթին և մեկնեց ինձ։

― Ինչքա՞ն տամ։

― Ոչինչ։ ― Թափ տվեց ձեռքը։ ― Հենց այնպես արեցի ձեզ համար։

― Խնդրում եմ։ ― Մի քանի պղնձադրամ հանեցի։ ― Բարի եղեք։

― Ոչ։ Ես հաճույքի համար արեցի։ Տվեք ձեր աղջկան։

― Շնորհակալություն, ցտեսություն։

― Մինչև նոր հանդիպում։

Վերադարձա հիվանդանոց։ Գրասենյակում ինձ մի քանի նամակ տվեցին, որոնցից մեկը պաշտոնական էր։ Ինձ երեք շաբաթ արձակուրդ էին տալիս, որպեսզի լավ կազդուրվեի, իսկ երեք շաբաթ հետո պետք է գնայի ռազմաճակատ։ Ուշադիր կարդացի։ Այո, այդպես էլ գրված էր։ Հոկտեմբերի չորսից, այսինքն, բուժման ավարտից անմիջապես հետո, ես համարվում էի արձակուրդի մեջ։ Երեք շաբաթը բաղկացած է քսանմեկ օրից։ Ուրեմն՝ մինչև հոկտեմբերի քսանհինգը։ Ասացի, որ զբոսնելու եմ մի քիչ և գնացի ընթրելու հիվանդանոցից քիչ այն կողմ գտնվող ռեստորանում, կարդացի նամակները և Corriere della Serra թերթը։ Նամակներից մեկը պապիցս էր, ընտանեկան նորություններ, հայրենասիրական խրատներ, երկու հարյուր դոլլարի չեկ և թերթերի մի քանի կտրածո։ Ձանձրալի մի նամակ մեր վարդապետից, նամակ ֆրանսիական օդագնացության մեջ ծառայող մի ծանոթ օդաչուից, որը պատմում էր իր ուրախ շրջապատի մասին և մի երկտող Ռինալդիից, որը հարցնում էր, թե ինչքան եմ դեռ վեր ընկնելու Միլանում և ընդհանրապես ի՞նչ նորություններ կան այստեղ։ Նա մի ցուցակ էր ուղարկել և խնդրում էր, որ, ըստ այդ ցուցակի, ձայնապնակներ գնեմ և ինձ հետ տանեմ։ Ընթրիքին մի շիշ կիանտի խմեցի, հետո՝ կոնյակով սուրճ, մինչև վերջ կարդացի թերթը, նամակները դրեցի գրպանս, թերթն ու մանր դրամները թողեցի սեղանին ու դուրս եկա։ Հիվանդանոցի սենյակում հանեցի համազգեստս, հագա պիժամս և խալաթս, փակեցի պատշգամբի վարագույրները և, կիսապառկած, սկսեցի կարդալ բոստոնյան թերթերը, որոնք միսսիս Մեյերսն էր բերել իր սիրելի տղաներին։ Չիկագո ― Ուայթ ― Սոքս խումբը շահել էր ամերիկյան լիգայի մրցանակը, իսկ Ազգային լիգայում առաջին տեղն էր գրավել Նյու֊Յուրք Ջայենթսի խումբը։ Բեյբ Ռութը հիմա Բոստոնում էր խաղում։ Ձանձրալի թերթեր էին, շատերը՝ տեղական ու մաշված, իսկ պատերազմական տեղեկությունները՝ հին։ Ամերիկյան լուրերում անընդհատ խոսվում էր ռազմավարժարանների մասին։ Ուրախ էի, որ ռազմավարժարանում չեմ։ Սպորտային լուրերից բացի ուրիշ ոչինչ չէի կարողանում կարդալ, թեև դրանք էլ առանձնապես հետաքրքիր չէին։

Երբ միանգամից շատ թերթ ես կարդում, հնարավոր չէ հետաքրքրությամբ կարդալ։ Թերթերն այնքան էլ նոր չէին, բայց ես բոլորը կարդացի։ Մտածում էի, թե արդյոք կփակե՞ն սպորտային միությունները, եթե Ամերիկան լրջորեն մասնակցի պատերազմին։ Դժվար թե։ Միլանում, առաջվա պես, ձիարշավեր էին լինում, թեև պատերազմի ամենաեռուն շրջանն էր։ Ֆրանսիայում արդեն ձիարշավեր չկան։ Հենց այնտեղից էլ բերել էին մեր Յափալաքին։ Կետրինի հերթապահությունը սկսվում էր ուղիղ ժամը իննից։ Ու երբ նա եկավ, միջանցքից լսեցի ոտնաձայները և, մի անգամ, բայց դռնից տեսա նրան։ Նա շրջեց մյուս պալատները, հետո եկավ ինձ մոտ։

― Ուշ եմ եկել, սիրելիս, ― ասաց նա։ ― Շատ գործ ունեի։ Ինչպե՞ս ես։

Պատմեցի թերթերի ու արձակուրդի մասին։

― Ինչ լավ է, ― ասաց նա։ ― Ո՞ւր ես ուզում գնալ։

― Ոչ մի տեղ։ Ուզում եմ այստեղ մնալ։

― Շատ իզուր։ Մի լավ տեղ գտիր, ես էլ կգամ։

― Ինչպե՞ս։

― Չգիտեմ։ Բայց կգամ։

― Ինչ լավն ես։

― Ոչ, լավը չեմ։ Բայց երբ կյանքում ոչինչ չունես կորցնելու, ամեն ինչ կարելի է հեշտությամբ կարգավորել։

― Ի՞նչ ես ուզում ասել։

― Ոչինչ։ Մտածում էի, թե հիմա ինչքան չնչին են այն խոչընդոտները, որոնք առաջ մեծ էին թվում։

― Կարծում եմ, որ դժվար կլինի այս մեկը կարգավորել։

― Ոչ, սիրելիս։ Ծայրահեղ դեպքում ամեն ինչ կթողնեմ, կգնամ։ Բայց դժվար թե բանը դրան հասնի։

― Իսկ ո՞ւր գնանք։

― Միևնույն է։ Ուր որ ուզում ես։ Մի տեղ, ուր ոչ մի ծանոթ չկա։

― Ուրեմն միևնո՞ւյն է քեզ համար։

― Այո։ Միայն թե գնանք։

Նա մի տեսակ լարված էր ու մտհոգված։

― Ի՞նչ է պատահել, Կետրին։

― Ոչինչ։ Ոչինչ չի պատահել։

― Ճիշտ չես ասում։

― Ճիշտ եմ ասում։ Ոչինչ չի պատահել։

― Ոչ, ճիշտ չես։ Ասա ինձ, սիրելիս։ Դու ինձ կարող ես ասել։

― Ոչինչ չի պատահել։

― Ասա։

― Չեմ ուզում։ Վախենում եմ վշտանաս կամ անհանգստանաս։

― Մի վախենա։

― Վստա՞հ ես։ Դա ինձ չի վշտացնում, բայց վախենում եմ, որ քեզ վշտացնի։

― Եթե քեզ չի վշտացնում, ուրեմն, ինձ էլ չի կարող։

― Չեմ ուզում ասել։

― Ասա։

― Շա՞տ ես ուզում։

― Այո։

― Երեխայի եմ սպասում, սիրելիս։ Գրեթե երեք ամիս է արդեն։ Չես վշտանում, չէ՞։ Խնդրում եմ, մի վշտանա։ Չպետք է վշտանաս։

― Չեմ վշտանում։

― Իսկապե՞ս։

― Իհարկե։

― Ամեն ինչ արեցի։ Ամեն ինչ փորձեցի, բայց բան դուրս չեկավ։

― Ինչո՞ւ պիտի վշտանամ։

― Այդպես ստացվեց, սիրելիս, բայց ես չվշտացա։ Դու էլ մի վշտանա և մի անհանգստանա։

― Ես միայն քեզ համար եմ անհանգստանում։

― Իզուր։ Ինչ մի արտակարգ բան է եղել։ Բոլորն են ծննդաբերում։ Բնական երևույթ է։

― Ինչ լավն ես։

― Ոչ, լավը չեմ։ Բայց դու չպետք է մտածես, սիրելիս։ Կաշխատեմ չանհանգստացնել քեզ։ Չնայած արդեն անհանգստացրի։ Բայց մինչև հիմա լավ էի պահում ինձ, չէ՞։ Մտքովդ անգամ չէր անցում, չէ՞։

― Ոչ։

― Սրանից հետո էլ այդպես կլինի։ Դու բնավ չպետք է վշտանաս։ Բայց տեսնում եմ, որ արդեն վշտացել ես։ Վերջ տուր։ Հենց հիմա վերջ տուր։ Ուզո՞ւմ ես մի բան խմել, սիրելիս։ Գիտեմ, հենց որ խմում ես, տրամադրությունդ իսկույն բարձրանում է։

― Ոչ։ Հիմա էլ բարձր է տրամադրությունս։ Իսկ դու աննման ես։

― Ոչ, աննման չեմ։ Բայց ես ամեն ինչ կկարգավորեմ, ու մենք միասին կլինենք, միայն որոշիր ուր գնալ։ Երևի լավ եղանակ կլինի հոկտեմբերին։ Մենք հիանալի ժամանակ կանցկացնենք, իսկ երբ ճակատ գնաս, ես ամեն օր կգրեմ քեզ։

― Իսկ դու որտե՞ղ կլինես։

― Դեռ չգիտեմ։ Բայց երևի մի շատ լավ տեղ։ Ես հետո ամեն ինչ կհոգամ։

Որոշ ժամանակ լուռ էինք։ Կետրինը նստել էր մահճակալին, ու ես նայում էի նրան, բայց մենք չէինք դիպչում իրար։ Մեզնից ամեն մեկը քաշվել էր իր մեջ, կարծես մի կողմնակի մարդ էր սենյակ մտել և անհարմար վիճակ ստեղծել։ Նա բռնեց իմ ձեռքը։

― Չե՞ս նեղանում, չէ՞։

― Ոչ։

― Եվ քեզ չի թվում, թե ծուղակ ես ընկել, չէ՞։

― Մի քիչ, բայց ոչ քո պատճառով։

― Գիտեմ, որ իմ պատճառով չէ։ Հիմար բաներ մի ասա։ Ընդհանրապես ծուղակ նկատի ունեի։

― Ֆիզիոլոգիան միշտ էլ ծուղակ է։

Մի պահ նա կարծես հեռացավ ինձնից, թեև ոչ շարժվում էր, ոչ էլ ձեռքս էր բաց թողել։

― «Միշտը» վատ բառ է։

― Ներիր։

― Ոչինչ։ Բայց, հասկանում ես, ես երբեք երեխա չեմ ունեցել, երբեք ոչ մեկին չեմ սիրել։ Փորձել եմ այնպիսին լինել, ինչպիսին դու ես ցանկացել, և հանկարծ ասում ես «միշտ»։

― Դե լավ, հիմա լեզուս կկտրեմ, ― ասացի ես։

― Սիրելիս։ ― Նա նորից վերադարձավ ինձ մոտ։ ― Ուշադրություն մի դարձրու ինձ վրա։ ― Մենք նորից միասին էինք, և անհարմար վիճակն արդեն վերացել էր։ ― Չէ՞ որ մենք մի մարմին ենք։ Կարիք չկա դատարկ բաներից կպչել։

― Եվ չենք կպչի։

― Բայց հաճախ է այդպես լինում։ Մարդիկ սիրում են իրար, և դատարկ բաներից կպչում, վիճում են, գժտվում, և մի օր էլ հանկարծ պարզվում է, որ այլևս մի մարմին չեն։

― Մենք չենք գժտվի։

― Չպետք է գժտվենք։ Չէ՞ որ աշխարհում միայն ես ու դու ենք բոլոր մյուսների դիմաց։ Եթե մեր միջև որևէ վատ բան լինի, մենք կկորչենք, և մեզ իսկույն կհոշոտեն։

― Չեն կարողանա, ― ասացի ես։ ― Որովհետև դու շատ քաջ ես։ Քաջերին դժվար է ծնկի բերել։

― Բայց նրանք էլ են մեռնում։

― Միայն մի անգամ։

― Մի՞թե։ Իսկ ո՞վ է ասել․․․

― Որ վախկոտը հազար անգամ է մեռնում, իսկ քաջը մե՞կ։

― Այո։ Բայց ո՞վ է ասել։

― Չգիտեմ։

― Երևի ասողն ինքը վախկոտ է եղել։ Շատ բան է իմացել վախկոտների մասին, իսկ քաջերի մասին՝ ոչինչ։ Եթե քաջը նաև խելացի է, գուցե և երկու հազար անգամ է մեռնում։ Միայն թե չի պատմում։

― Չգիտեմ։ Դժվար է քաջերի հոգին կադալ։

― Այո։ Եվ հենց դրանով են նրանք ուժեղ։

― Գիտակի պես ես խոսում։

― Ճիշտ ես, սիրելիս։ Այս անգամ արժանի էի գովեստիդ։

― Դու քաջ ես։

― Ոչ, ― ասաց նա։ ― Բայց ուզո՛ւմ եմ լինել։

― Իսկ ես քաջ չեմ։ Ես իմ գործը գիտեմ։ Վաղուց եմ ինձ ճանաչում։ Ես նման եմ այն բեյսբոլիստին, որը սեզոնում երկու հարյուր երեսուն գնդակ է խփում և գիտե, որ ավելին չի կարող։

― Ի՞նչ է նշանակում «սեզոնում երկու հարյուր երեսուն գնդակ խփել»։ Չտեսնված տպավորիչ է հնչում։

― Բնավ էլ տպավորիչ չէ։ Դա նշանակում է միջակ հարձակվող լինել։

― Բայց և այնպես՝ հարձակվող, ― անընդհատ դրդում էր նա ինձ։

― Չենք կարողանում իրար համոզել, ― ասացի ես։ ― Բայց դու քաջ ես։

― Ոչ։ Բայց հուսով եմ, որ կլինեմ։

― Երկուսս էլ քաջ ենք, ― ասացի ես։ ― Խմելուց հետո շատ քաջ եմ ես։

― Մենք հրաշալի մարդիկ ենք, ― ասաց Կետրինը։ Մոտեցավ պահարանին և հանեց կոնյակի շիշն ու բաժակը։ ― Խմիր, սիրելիս, ― ասաց նա։ ― Լավ վարքի համար։

― Չեմ ուզում։

― Խմիր, խմիր։

― Դե լավ, ― լցրի բաժակի երեք քառորդը և խմեցի։

― Ինչ մեծ բաժակ էր, ― ասաց նա։ ― Գիտեմ, որ կոնյակը հերոսների խմիչք է։ Բայց մի չափազանցրու։

― Որտե՞ղ ենք ապրելու պատերազմից հետո։

― Երևի անկելանոցում, ― ասաց նա։ ― Երեք տարի առաջ միամտաբար կարծում էի, թե պատերազմը մինչև ծնունդ կավարտվի։ Իսկ հիմա կարծում եմ, թե պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ մեր տղան լեյտենանտ դառնա։

― Գուցե և գեներալ դառնա։

― Եթե սա Հարյուրամյա պատերազմ է, կդառնա, ինչու չէ։

― Չե՞ս ուզում խմել։

― Ոչ։ Երբ դու խմում ես, տրամադրությունդ բարձրանում է, իսկ երբ ես եմ խմում, գլուխս սկսում է պտտվել։

― Կոնյակ չե՞ս խմել բնավ։

― Ոչ, սիրելիս։ Ես շատ հնատարազ կին եմ։

Գետնից վերցրի շիշը և նորից լցրի բաժակս։

― Գնամ տեսնեմ ի՞նչ են անում հայրենակիցներդ, ― ասաց Կետրինը։ ― Գուցե թե՞րթ կարդաս մինչև վերադարձս։

― Պետք է անպայմա՞ն գնաս։

― Կամ հիմա, կամ հետո։

― Լավ։ Հիմա գնա։

― Շուտ կգամ։

― Իսկ ես մինչև վերջ կկարդամ թերթերը, ― ասացի ես։

Գլուխ 22

Գիշերը ցրտեց, և հաջորդ օրն անձրև եկավ։ Երբ Ospedale Maggiore-ից տուն էի վերադառնում, ուժեղ անձրև էր գալիս, ու ես մինչև ոսկորներս թրջվեցի։ Սենյակիս պատշգամբը հեղեղվել էր, և քամին ջուրը խփում էր ապակիներին։ Փոխեցի զգեստս և կոնյակ խմեցի, բայց տհաճ էր համը։ Գիշերը վատ զգացի, և առավոտյան, նախաճաշից հետո փսխեցի։

― Պարզ է, ― ասաց հիվանդանոցի բժիշկը։ ― Աչքի սպիտակուցը նայեք, միսս։

Միսս Գեյջը նայեց։ Հայելի տվեցին, որպեսզի ես էլ նայեմ։ Աչքերիս սպիտակուցները դեղնել էին։ Եվ դա դեղնախտ էր։ Երկու շաբաթ հիվանդ պառկեցի։ Արձակուրդս ջուրն ընկավ, ու մենք չկարողացանք վերջին օրերը միասին անցկացնել։ Ուզում էինք Պալանցի գնալ, Լագո Մաջորե։ Աշնանը, երբ տերևներն սկսում են դեղնել, անչափ հաճելի է այնտեղ։ Զբոսնելու շատ տեղեր կան, և լճում կարելի է կարմրախայտ որսալ։ Պալանցան երևի ավելի լավ էր Ստրեյզայից, որովհետև քիչ մարդ էր լինում այդ կողմերում։ Միլանից շատ հարմար էր Ստրեզա գնալ, որովհետև բազմաթիվ ծանոթներ ունեինք այնտեղ։ Պալանցայի մոտ հիանալի գյուղեր կային, և նավակով կարելի էր հասնել մինչև ձկնորսների կղզիները, իսկ ամենամեծ կղզում ռեստորան կար։ Բայց մեզ ոչ մի տեղ չհաջողվեց գնալ։

Մի անգամ, երբ դեռ պառկած էի դեղնախտով, սենյակ մտավ միսս Վան Քամփենը, բաց արեց զգեստապահարանի դուռը և դատարկ շշեր տեսավ։ Դռնապանը հենց նոր մեծ քանակությամբ շշեր էր դուրս տարել և, ըստ երևույթին, միսս Վան Քամփենը տեսել էր այդ, ու հիմա եկել էր ստուգելու, թե էլ չկա արդյոք։ Ամենից շատ վերմուտի շշեր կային, մարսալայի շշեր, կապրիի շշեր, կյանտիի դատարկ տափաշշեր և կոնյակի մի քանի շիշ։ Դռնապանը տարել էր վերմուտի ամենամեծ շշերը և կյանտիի ծղոտապատ տափաշշերը, իսկ կոնյակի շշերը թողել էր վերջում։ Միսս Վան Քամփենը գտավ կոնյակի շշերը և կյումելի արջանման մի շիշ։ Հատկապես արջանման շիշը ջղայնացրեց միսս Վան Քամփենին։ Վերցրեց ու նայեց։ Արջը նստել էր ետին թաթերի վրա և բարձրացրել առջևի թաթերը։ Նրա ապակե գլխի մեջ խցան կար, իսկ հատակին՝ մի քանի մածուցիկ բյուրեղներ։ Ես ծիծաղեցի։

― Կյումել է, ― ասացի ես։ ― Լավագույն կյումելներն արջանման շշերով են վաճառում։ Ռուսաստանից են բերում։

― Իսկ սրանք կոնյակի շշեր են, եթե չեմ սխալվում, ― ասաց միսս Վան Քամփենը։

― Լավ չի երևում այստեղից, ― ասացի ես։ ― Բայց, հավանաբար, այո։

― Եվ որքա՞ն ժամանակ է սա շարունակվում։

― Գնել եմ և հետս եմ բերել, ― ասացի ես։ ― Հաճախ իտալական սպաներ են ինձ այցելում, ու ես կոնյակ եմ հյուրասիրում նրանց։

― Իսկ դուք չեք խմել, չէ՞, ― հարցրեց նա։

― Ինչու չէ, խմել եմ։

― Կոնյակ, ― ասաց նա։ ― Կոնյակի տասնմեկ դատարկ շիշ և արջի հեղուկ։

― Կյումել։

― Ես հիմա մեկնումեկին կուղարկեմ, որ հավաքի։ Ուրիշ դատարկ շշեր չկա՞ն։

― Առայժմ ոչ։

― Իսկ ես խղճում էի, որ դեղնախտով եք հիվանդացել։ Մինչդեռ ձեզ խղճալ՝ նշանակում է իզուր ժամանակ վատնել։

― Շնորհակալություն։

― Ես ձեզ եմ մեղադրում, որ չեք ուզում ճակատ վերադառնալ։ Բայց կարծում եմ, որ կարող էիք ավելի խելամիտ միջոց հնարել և ոչ թե ալկոհոլ խմելով դեղնախտ ընկնել։

― Ինչո՞վ։

― Ալկոհոլ խմելով։ Դուք շատ լավ լսեցիք, թե ինչ ասացի։ ― Ես լուռ էի։ ― Եթե նոր բան չհնարեք, բուժվելուց հետո, դժբախտաբար, ստիպված կլինեք ճակատ վերադառնալ։ Չեմ կարծում, որ կանխամտածված կերպով դեղնախտ ընկնողներին արձակուրդ հասնի ապաքինման համար։

― Չե՞ք կարծում։

― Ոչ, չեմ կարծում։

― Դեղնախտով երբևիցե հիվանդացե՞լ եք, միսս Վան Քամփեն։

― Ոչ, բայց շատ հիվանդների եմ տեսել։

― Չե՞ք նկատել, թե նրանք ինչքան հաճույք են ստացել դրանից։

― Երևի դեղնախտը նախընտրելի է ռազմաճակատից։

― Միսս Վան Քամփեն, ― ասացի ես, ― դուք երբևիցե տեսե՞լ եք մի մարդու, որը զինծառայությունից ազատվելու համար, քացով տա իր ամորձիքին։

Միսս Վան Քամփենը ականջի ետև գցեց հարցս։ Կամ ականջի ետև պետք է գցեր, կամ պետք է հեռանար։ Հեռանալ չէր ուզում, որովհետև վաղուց ի վեր չէր սիրում ինձ և հիմա իսկական առիթն էր հաշիվները մաքրելու։

― Ես շատ մարդկանց գիտեմ, որոնք կանխամտածված անդամախեղության դիմելով, ազատվել են ռազմաճակատից։

― Խնդիրն այդ չէ։ Ես էլ եմ տեսել կանխամտածված անդամախեղություն։ Ես ձեզ հարց տվեցի, տեսե՞լ եք որևէ մեկի, որը զինծառայությունից ազատվելու համար, քացով տա իր ամորձիքին։ Որովհետև այդ զգացողությունն ու դեղնախտը շատ նման են իրար, և չեմ կարծում, թե շատ կանայք գիտեն այդ։ Ահա թե ինչու, միսս Վան Քամփեն, ես ձեզ հարցրի, հիվանդացե՞լ եք դեղնախտով, թե ոչ որովհետև․․․

Միսս Վան Քամփենը դուրս եկավ սենյակից։ Քիչ անց ներս մտավ միսս Գեյջը։

― Այդ ի՞նչ եք ասել միսս Վան Քամփենին։ Կատաղել է։

― Մենք տարբեր զգացողություններ էինք համեմատում իրար հետ։ Ենթադրություն հայտնեցի, թե նա երևի չի ծննդաբերել երբեք․․․

― Դուք խենթ եք, ― ասաց Գեյջը։ ― Եթե ձեռքից գա, ձեր կաշին կքերթի։

― Արդեն քերթել է, ― ասացի ես։ ― Ձախողել է արձակուրդս, հիմա գուցե ռազմադաշտային դատարան հանձնի ինձ։ Ամեն ինչ սպասելի է նրանից։

― Նա միշտ էլ ձեզ չի սիրել, ― ասաց Գեյջը։ ― Իսկ ինչի՞ց սկսվեց խոսակցությունը։

― Ասաց՝ դիտմամբ այնքան եմ խմել, որ դեղնախտ ընկնեմ ու ճակատ չվերադառնամ։

― Ո՜ւֆ, ― ասաց Գեյջը։ ― Կերդվեմ, որ ոչ մի կաթիլ չեք խմել։ Բոլորն էլ կերդվեն, որ ոչ մի կաթիլ չեք խմել։

― Նա գտավ շշերը։

― Հազար անգամ ասացի՝ պետք է հավաքել շշերը։ Որտե՞ղ են հիմա։

― Պահարանում։

― Ճամպրուկ ունե՞ք։

― Ոչ։ Ուսապարկի մեջ դրեք։

― Միսս Գեյջը հավաքեց շշերը ու դրեց ուսապարկի մեջ։

― Դռնապանին կտամ, ― ասաց նա և ուղղվեց դեպի դուռը։

― Մի րոպե, ― ասաց միսս Վան Քամփենը։ ― Այս շշերը ես կվերցնեմ։ ― Նրա հետ էր նաև դռնապանը։ ― Խնդրում եմ, վերցրեք սա։ Ուզում եմ բժշկին ցույց տալ, երբ զեկուցեմ նրան։

Դուրս եկավ միջանցք ու հեռացավ։ Դռնապանը տարավ ուսապարկը։ Գիտեր, թե մեջն ինչ կար։

Ոչինչ չպատահեց, միայն արձակուրդս կորցրի։

Գլուխ 23

Այն գիշեր, երբ պետք է ճակատ վերադառնայի, դռնապանին կայարան ուղարկեցի, որպեսզի հենց որ գնացքը Տուրինից գա, ինձ համար տեղ գրավի վագոնում։ Գնացքը մեկնում էր կեսգիշերին։ Տուրինում կազմվում էր վերջնականապես և տասն անց կեսի մոտ հասնում Միլան ու, մինչև մեկնումը, սպասում կայարանում։ Տեղ ունենալու համար հարկավոր էր կայարան գալ մինչև գնացքի ժամանումը։ Դռնապանը գնաց արձակուրդի մեջ գտնվող մի գնդացրորդի հետ, որն աշխատում էր կարի արհեստանոցում։ Նա վստահ էր, որ երկուսով անպայման կկարողանան ինձ համար տեղ գրավել։ Կառամատույցի տոմսի փող տվեցի նրանց և խնդրեցի, որ իրերս էլ տանեն։ Մի մեծ ուսապարկ էր ու երկու ուղեպարկ։

Մոտ ժամը հինգին մնաս բարով ասացի և դուրս եկա հիվանդանոցից։ Դռնապանն իրերս արդեն իր սենյակն էր տարել, ու ես նրան ասացի, որ կայարան կգամ կեսգիշերից առաջ։ Նրա կինն ինձ «Signorino» կոչեց ու լաց եղավ։ Հետո աչքերը սրբեց, սեղմեց ձեռքերս ու նորից լաց եղավ։ Թփթփացրի ուսին, և նա կրկին լաց եղավ։ Կարճահասակ, գիրուկ, սպիտակահեր, բարեդեմ մի կին էր։ Միշտ գուլպաներս էր կարկատում։ Արտասվելու ժամանակ դեմքը կարծես մասերի էր բաժանվում։ Գնացի անկյունի բարը և, պատուհանին նայելով, սկսեցի սպասել։ Փողոցում մութ էր, և ցուրտ, և մշուշ։ Վճարեցի սուրճի և գրապպայի փողը ու սկսեցի դիտել, թե ինչպես էին մարդիկ անցնում պատուհանից ընկնող լուսաշերտի միջով։ Տեսա Կետրինին և խփեցի ապակուն։ Նայեց, տեսավ ինձ, ժպտաց, ու ես դուրս եկա նրան դիմավորելու։ Մուգ կապույտ անձրևաթիկնոց էր հագել և փափուկ ֆետրե գլխարկ։ Քայլեցինք մայթի վրա շարված գինետների կողքով, կտրեցինք շուկայի հրապարակը։ Հրապարակը հատվում էր տրամվայի գծերով, որոնց ետևում բարձրանում էր տաճարը։ Մշուշի մեջ՝ ճերմակ ու թաց։ Մենք անցանք տրամվայի գծերը։ Ձախ կողմում երևում էին լուսավոր ցուցափեղկերով խանութներ և galleria֊յի մուտքը։ Մշուշը խտանում էր հրապարակի վրա, և մոտ հեռավորությունից տաճարը շատ մեծ էր, իսկ պատերը թաց էին։

― Ուզո՞ւմ ես մտնենք։

― Ոչ, ― ասաց Կետրինը։

Շարունակեցինք մեր ճանապարհը։ Քարե որմնահեցերից մեկի ստվերում կանգնել էին մի զինվոր և մի աղջիկ, և մենք նրանց կողքով անցանք։ Կիպ կպել էին պատին, և զինվորն իր թիկնոցով ծածկել էր աղջկան։

― Մեզ նման են, ― ասացի ես։

― Ոչ ոք մեզ նման չէ, ― ասաց Կետրինը։

Հիմա ոչ մի ուրախ բան չկար նրա մտքում։

― Գնալու տեղ էլ չունեն։

― Գուցե դա ավելի լավ է նրանց համար։

― Չգիտեմ։ Համենայն դեպս, ամեն մարդ պետք է գնալու տեղ ունենա։

― Կարող են տաճար գնալ, ― ասաց Կետրինը։

Մենք արդեն անցել էինք տաճարը։ Հասանք հրապարակի ծայրին և շրջվեցինք։ Գեղեցիկ էր տաճարը մշուշի մեջ։ Կանգնել էինք կաշվե ապրանքների խանութի առջև։ Ցուցափեղկում կային ձիավարության երկարաճիտք կոշիկներ, ուսապարկեր ու դահուկավազքի ոտնամաններ։ Ամեն ինչ առանձին էր դրված, ուսապարկը՝ մեջտեղում, երկարաճիտք կոշիկները՝ մի կողմում, դահուկավազքի ոտնամանները՝ մյուս։ Մուգ գույնի կաշի էր, հարթ և մաշված թամբի նման պլպլան։ Էլեկտրական լույսը ցոլք էր գցել կաշու աղոտ փայլի վրա։

― Մի օր մենք էլ դահուկ կքշենք։

― Երկու ամսից Մյուրենում բացվում է դահուկի սեզոնը, ― ասաց Կետրինը։

― Չգնա՞նք Մյուրեն։

― Գնանք, ― ասաց նա։

Անցանք ուրիշ ցուցափեղկերի կողքով ու թեքվեցինք դեպի նրբանցքը։

― Առաջին անգամ եմ այս փողոցներով անցնում։

― Իսկ ես միշտ այս փողոցներով եմ Ospidale Maggiore գնացել, ― ասացի ես։

Նրբանցքը նեղ էր, ու մենք քայլում էինք աջ կողմից։ Խիտ մշուշի մեջ շատ անցորդներ կային։ Բոլոր կրպակների լույսերը վառվում էին։ Կանգնեցինք ցուցափեղկերից մեկի առջև ու դիտեցինք իրար վրա շարված պանիրները։ Զինավաճառի կրպակի առջև ես կանգ առա։

― Մի րոպե մտնենք։ Զենք եմ ուզում գնել։

― Ի՞նչ զենք։

― Ատրճանակ։

Ներս մտանք։ Քանդեցի գոտիս, որից կախվել էր դատարկ պատյանը, ու դրեցի վաճառասեղանին։ Խանութում երկու կին էին աշխատում։ Նրանք ինձ մի քանի ատրճանակ ցույց տվին։

― Ուզում եմ, որ նույն չափսի լինի, ― ասացի ես ու բաց արի պատյանը։ Պատյանը մոխրագույն էր և կաշվեպատ։ Գնել էի քաղաքի համար։

― Իսկ սրանք լա՞վ ատրճանակներ են, ― հարցրեց Կետրինը։

― Գրեթե բոլորն էլ միատեսակ են։ Կարելի՞ է սա փորձել, ― հարցրի կանանցից մեկին։

― Կրակելու տեղ չունենք, ― ասաց նա։ ― Բայց լավ ատրճանակ է։ Չեք զղջա։

Իջեցրի հրահանը ու քաշեցի փակաղակը։ Զսպանակը բավական ձիգ էր, բայց լավ էր գործում։ Նշան առա ու նորից իջեցրի հրահանը։

― Նոր չէ, ― ասաց կինը։ ― Այս հրացանը պատկանում էր մի սպայի, որ առաջնակարգ հրաձիգ էր։

― Ձեր խանութի՞ց էր գնել։

― Այո։

― Իսկ ինչպե՞ս է նորից ձեզ մոտ ընկել։

― Համհարզը բերեց։

― Գուցե իմն էլ է ձեզ մոտ, ― ասացի ես։ ― Ի՞նչ արժե։

― Հիսուն լիրա։ Շատ էժան է։

― Լավ։ Երկու հատ պահունակ տվեք, մի տուփ էլ փամփուշտ։

Վաչառասեղանի տակից հանեց պահունակներն ու փամփուշտի տուփը։

― Իսկ թուր չե՞ք ուզում, ― հարցրեց կինը։ ― Գործածված մի թուր ունեմ, շատ էժան։

― Ես ճակատ եմ գնում։

― Հա՜։ Ուրեմն թրի կարիք չունեք, ― ասաց նա։

Վճարեցի փամփուշտի և ատրճանակի գինը, լցրի պահունակները, դրեցի տեղը, ատրճանակը մտցրի դատարկ պատյանի մեջ, մյուս երկու պահունակների մեջ ևս փամփուշտ լցրի, պահեցի պատյանի կաշվե գրպաններում և կապեցի գոտիս։ Ատրճանակի ծանրությունը ձգում էր գոտին։ Մտածեցի, որ բոլոր դեպքերում ստանդարտ ատրճանակներն ավելի լավ են։ Փամփուշտները հեշտ են ճարվում։

― Հիմա մենք լրիվ զինված ենք, ― ասացի ես։ ― Ուրիշ բան չունեմ գնելու, միայն սա էր։ Հիվանդանոց գալուց առաջ ինչ֊որ մեկը երևի վերցրել է ատրճանակս։

― Գոնե սա լավ լիներ, ― ասաց Կետրինը։

― Ուրիշ ոչինչ չե՞ք ուզում, ― հարցրեց կինը։

― Ոնց որ թե չէ։

― Լարով ատրճանակ, ― ասաց նա։

― Այո, տեսա։

Կինն ուզում էր էլի ինչ֊որ բան վաճառել։

― Սուլիչ չե՞ք ուզում։

― Չէ ոնց որ։

Կինն ասաց «ցտեսություն», ու մենք դուրս եկանք փողոց։ Կետրինը նայեց պատուհանին։ Կինը նկատեց մեզ ու գլխով արեց։

― Սա ի՞նչ հայելի է փայտե շրջանակի մեջ։

― Սրանով թռչուններին են հրապուրում։ Հետո դաշտ են գցում։ Արտույտները տեսնում են նրանց ու թռչում, իսկ իտալացիները կրակում են։

― Հնարագետ ժողովուրդ են, ― ասաց Կետրինը։ ― Ձեզ մոտ, Ամերիկայում, արտույտների վրա չեն կրակում, այնպես չէ՞, սիրելիս։

― Միայն պատահաբար։

Մենք անցանք փողոցը ու քայլեցինք մյուս մայթով։

― Հիմա ավելի լավ եմ զգում, ― ասաց Կետրինը։ ― Երբ դուրս եկանք, շատ վատ էի։

― Մենք միշտ էլ լավ ենք զգում, երբ միասին ենք։

― Մենք միշտ միասին ենք լինելու։

― Այո, եթե հաշվի չառնենք, որ կեսգիշերին մեկնում եմ։

― Սիրելիս, մի մտածիր այդ մասին։

Քայլում էինք փողոցով։ Մշուշի մեջ դեղնավուն էին լույսերը։

― Չհոգնեցի՞ր, ― հարցրեց Կետրինը։

― Իսկ դո՞ւ։

― Ոչ։ Հաճելի է քայլելը։

― Բայց պետք չէ երկար քայլել։

― Լավ։

Մենք թեքվեցինք դեպի նրբանցքը, որտեղ ոչ մի լույս չկար։ Կանգ առա ու համբուրեցի Կետրինին։ Համբուրելիս զգացի, որ ձեռքը ուսիս դրեց։ Նա այնպես քաշեց թիկնոցս, որ երկուսս էլ ծածկվեցինք։ Կանգնել էինք մայթին, բարձր պատի տակ։

― Մի տեղ գնան, ― ասացի ես։

― Գնանք, ― ասաց Կետրինը։

Շարունակեցինք քայլել նրբանցքով, մինչև որ հասանք մի մեծ փողոց, որի մի կողմում ջրանցք կար, իսկ մյուս կողմում՝ աղյուսե տներ։ Փողոցի ծայրին տեսա կամրջով անցնող մի տրամվայ։

― Կամրջի վրա կարող ենք կառք գտնել, ― ասացի ես։

Կամրջի վրա, մշուշի մեջ կանգնած, կառքի էինք սպասում։ Կողքից տրամվայներ էին անցնում, որոնք լցված էին տուն շտապող մարդկանցով։ Հետո մի կառք երևաց, բայց զբաղված էր։ Սկսեց անձրև կաթկթել։

― Ոտքով գնանք կամ տրամվայ նստենք, ― ասաց Կետրինը։

― Հիմա կառք կգտնենք, ― ասացի ես։ ― Այստեղ շատ կառքեր են լինում։

― Ահա, գալիս է, ― ասաց Կետրինը։

Կառապանը կանգնեցրեց ձիերին և իջեցրեց հաշվիչի մետաղե ցուցասլաքը։ Կառքի ծածկոցը փակ էր, և կառապանի թիկնոցը թրջվել էր անձրևից։ Նրա լաքե ցիլինդրը պլպլում էր ջրից։ Մենք նստեցինք ետևում։ Մութ էր փակ ծածկոցի տակ։

― Ասացի՞ր ուր գնա։

― Կայարան։ Կայարանի դիմաց հյուրանոց կա, հենց այնտեղ էլ կգնանք։

― Իսկ կարո՞ղ ենք այսպես հյուրանոց գնալ։ Առանց ճամպրուկի։

― Կարող ենք, ― ասացի ես։

Երկար գնացինք անձրևի տակ, բազմաթիվ նրբանցքներով անցանք, մինչև որ հասանք կայարան։

― Չե՞նք ճաշելու, ― հարցրեց Կետրինը։ ― Կարծես քաղցած եմ։

― Համարում կճաշենք։

― Հագնելու ոչինչ չունեմ։ Նույնիսկ գիշերանոց չունեմ։

― Կբերենք, ― ասացի ես և ձայն տվի կառապանին։ ― Վիա մանցոնի քշեք։

Նա գլխով արեց և հաջորդ անկյունում աջ թեքվեց։ Մեծ փողոցում Կետրինը խանութ էր փնտրում։

― Այստեղ կա, ― ասաց նա։

Կառապանին ասացի, որ կանգնեցնի ձիերին։ Կետրինն իջավ կառքից, անցավ մայթն ու մտավ խանութ։ Նստատեղին հենված, սպասում էի նրան։ Անձրև էր գալիս, ու ես զգում էի թաց փողոցի և ձիերի կողերից բարձրացող գոլորշու հոտերը։ Կապոցը ձեռքին, Կետրինը դուրս եկավ խանութից, կառք նստեց, ու մենք շարունակեցինք մեր ճանապարհը։

― Շատ ծախսեցի, սիրելիս, ― ասաց նա, ― բայց գիտես ինչ լավ գիշերանոց է։

Հյուրանոցի մոտ Կետրինին խնդրեցի սպասել կառքում, իսկ ես ներս մտա ու խոսեցի վարիչի հետ։ Մեծ թվով ազատ համարներ կային։ Վերադարձա, վճարեցի կառապանին, և Կետրինի հետ հյուրանոց մտա։ Փայլուն կոճակներով մի փոքրիկ տղա վերցրեց կապոցը։ Վարիչը, գլուխը խոնարհելով, հրավիրեց վերելակ մտնել։ Վերելակում աչք էին ծակում կարմիր թավիշն ու բրոնզը։ Վարիչը մեզ հետ բարձրացավ։

― Monsieur madame-ը համարո՞ւմ կուզենար ճաշել։

― Այո։ Խնդրում եմ ճաշացուցակ ուղարկել։

― Իսկ չե՞ք ուզում ոչինչ հատուկ պատվիրել։ Թռչուն կամ սուֆլե։

Վերելակը զնգզնգալով երեք հարկ բարձրացավ, հետո մի անգամ էլ զնգաց ու կանգ առավ։

― Իսկ ի՞նչ թռչուն ունեք։

― Փասիան և կտցար։

― Կտցար, ― ասացի ես։

Քայլեցինք միջանցքով։ Գորգը մաշված էր։ Բազմաթիվ դռներ կային երկու կողմերում։ Վարիչը կանգ առավ և բանալիով բացեց դռներից մեկը։

― Խնդրեմ։ Հիանալի սենյակ է։

Փայլուն կոճակներով փոքրիկ տղան կապոցը դրեց սեղանի վրա։ Վարիչը բաց արեց պատուհանի վարագույրները։

― Մշուշ է այսօր, ― ասաց նա։

Սենյակը կահավորված էր թավշապատ կահույքով։ Շատ հայելիներ կային, երկու բազկաթոռ և ատլասե վերմակով ծածկված մի լայն մահճակալ։ Եվ լոգարան տանող մի դուռ։

― Հիմա կուղարկեմ ճաշացուցակը, ― ասաց վարիչը։

Գլուխ տվեց ու դուրս եկավ։

Մոտեցա պատուհանին և փողոց նայեցի, հետո ձգեցի թելը ու փակեցի թավշե հաստ վարագույրները։ Կետրինը, մահճակալին նստած, նայում էր բյուրեղապակե մոմակալին։ Հանել էր գլխարկը, և մազերը փայլում էին լույսի տակ։ Հայելիներից մեկում տեսավ իրեն ու ձեռքը տարավ մազերին։ Իսկ ես նրան տեսնում էի երեք տարբեր հայելիների մեջ։ Տխուր էր երևում։ Թիկնոցը գցեց մահճակալին։

― Ի՞նչ է պատահել, սիրելիս։

― Առաջ ինձ երբեք չի թվացել, թե անառակ կին եմ, ― ասաց նա։

Մոտեցա պատուհանին, բացեցի վարագույրները և նայեցի փողոց։ Չէի կարծում, որ այսպես կստացվեր։

― Դու անառակ չես։

― Գիտեմ, սիրելիս։ Բայց տհաճ է, երբ այդպես է թվում։

Ձայնը չոր էր ու վհատ։

― Սա լավագույն հյուրանոցն էր, որ կարելի էր գնալ, ― ասացի ես։

Դուրս նայեցի պատուհանից։ Հրապարակի մյուս կողմում վառվում էին կայարանի լույսերը։ Կառքեր էին անցնում մոտիկից, ու ես տեսնում էի զբոսայգու ծառերը։ Հյուրանոցի լույսերն արտացոլվում էին թաց մայթի վրա։ «Գրողը տանի, ― մտածում էի ես, ― ինչ վիճելու ժամանակ է»։

― Ինձ մոտ արի, ― ասաց Կետրինը։ Ձայնի մեջ չորություն չկար։ ― Արի։ Ես հիմա նորից կարգին աղջիկ եմ։

Շրջվեցի ու նայեցի մահճակալին։ Նա ժպտում էր։

Մոտեցա, նստեցի մահճակալին ու համբուրեցի նրան։

― Դու իմ լավ աղջիկն ես։

― Իհարկե քոնն եմ։

Ճաշից հետո մենք ավելի թեթև զգացինք, հետո՝ էլ ավելի լավ, շուտով թվաց, թե մեր տունն է սա։ Առաջ հիվանդանոցի սենյակն էր մեր տունը, իսկ հիմա, ճիշտ նույն ձևով, հյուրանոցի այս համարը։

Կետրինը ճաշելիս բաճկոնն էր ուսերին գցել։ Շատ էինք քաղցած, իսկ ճաշը համեղ էր, և մենք մի շիշ կապրի խմեցինք և մի շիշ սենթ֊էսթեֆ։ Մեծ մասը ես խմեցի, բայց Կետրինն էլ պակաս չխմեց, և տրամադրությունը միանգամից բարձրացավ։ Մատուցողը բերել էր կարտոֆիլով կտցար, սուֆլե, շագանակի պյուրե, սալաթ, իսկ հետո՝ սաբայոն։

Ափսոս, պետք էր առաջ գլխի ընկնեինք և այստեղ ապրեինք միշտ։

― Ծիծաղելի սենյակ է։ Բայց լավն է։

― Ինչ լավ բան է անառակությունը, ― ասաց Կետրինը։ ― Երևի անառակությամբ զբաղվող մարդիկ, համը լավ գիտեն։ Այս կարմիր թավիշը պարզապես աննման է՝ իսկականն է։ Հայելիներն էլ սքանչելի են։

― Իմ լավ աղջիկ։

― Միայն չգիտեմ, առավոտյան զարթնելիս որքանո՞վ լավ կթվա այս սենյակը։ Բայց և այնպես, հրաշալի սենյակ է։

Մի բաժակ էլ սենթ֊էսթեն լցրի։

― Կուզենայի իսկապես մեղք գործել, ― ասաց Կետրինը։ ― Մեր արածն այնքան անմեղ ու պարզ է թվում։ Չեմ հավատում, որ վատ բան ենք անում։

― Հրաշալի ես դու։

― Միայն թե քաղցած եմ։ Ահավոր քաղցած եմ։

― Դու պարզ և հիանալի աղջիկս ես։

― Այո, պարզ եմ։ Բայց քեզնից բացի ոչ ոք այդ չի հասկացել։

― Մի անգամ, երբ դեռ նոր էինք ծանոթացել, ես մի ամբողջ օր մտածում էի, թե ինչպես ենք միասին «քավուր» հյուրանոց գնալու և ինչ է լինելու հետո։

― Ինչ անպատկառ ես եղել։ Բայց սա «քավուրը» չի, չէ՞։

― Ոչ։ Այնտեղ մեզ չէին թողնի։

― Մի օր կթողնեն։ Տեսնում ես, սիրելիս, թե որն է մեր տարբերությունը։ Ես ոչինչ չեմ մտածել։

― Բնա՞վ, երբե՞ք։

― Մի քիչ, ― ասաց նա։

― Դու իմ լավ աղջիկ։

Մի բաժակ էլ գինի լցրի։

― Ես շատ պարզ եմ, ― ասաց Կետրինը։

― Առաջ այդպես չէի կարծում։ Ինձ թվում էր, թե խենթ ես։

― Այո, մի քիչ խենթ էի ես։ Բայց ոչ բարդ, ոչ հատուկ տեսակի։ Չե՞մ շփոթեցրել քեզ, սիրելիս։

― Ինչ լավ բան է գինին, ― ասացի ես։ ― Ամեն վատ բան մոռանում ես։

― Հիանալի բան է, ― ասաց Կետրինը։ ― Բայց հայրս շատ խմելուց սաստիկ հոդատապ ստացավ։

― Ո՞ղջ է հայրդ։

― Այո, ― ասաց Կետրինը։ ― Հոդատապ ունի։ Բայց կարիք չկա, որ հանդիպես նրան։ Իսկ քո հայրը ո՞ղջ չէ՞։

― Ոչ, ― ասացի ես։ ― Խորթ հայրս է ողջ։

― Ես կհավանե՞մ նրան։

― Հարկ չի լինի, որ հանդիպեք։

― Ինչ լավ է երկուսով, ― ասաց Կետրինը։ ― Ինձ ուրիշ ոչինչ չի հետաքրքրում։ Ես երջանիկ կին եմ։

Եկավ մատուցողը և հավաքեց սեղանը։ Քիչ անց մենք լռեցինք ու ականջ դրինք անձրևի ձայնին։ Փողոցում մի ավտոմեքենա դռդռաց։

― Միշտ լսում եմ ժամանակի նժույգների սլացքն արագ․․․ ― ասացի ես։

― Գիտեմ այդ բանաստեղծությունը, ― ասաց Կետրինը։ ― Մարվելինն է։ Միայն թե դա մի աղջկա մասին է, որը չի ուզում մի մարդու հետ ապրել։

Թարմ ու պայծառ էր գլուխս, ու ես չէի ուզում կենցաղային բաների մասին խոսել։

― Որտե՞ղ ես ծննդաբերելու։

― Չգիտեմ։ Ամենալավ տեղում։

― Ինչպե՞ս ես կարգավորելու։

― Ամենահարմար ձևով։ Մի անհանգստանա, սիրելիս։ Մինչև պատերազմի վերջը դեռ շատ երեխաներ կարող ենք ունենալ։

― Ժամանակն է շուտով։

― Գիտեմ։ Եթե ուզում ես, համարիր, որ արդեն ժամանակն է։

― Ոչ։

― Այդ դեպքում, մի նեղվիր, սիրելիս։ Մինչև հիմա կարծես լավ էիր, բայց արդեն սկսում ես նեղվել։

― Էլ չեմ անի։ Հաճա՞խ ես ինձ գրելու։

― Ամեն օր։ Ձեր նամակներն ստուգո՞ւմ են։

― Անգլերեն չգիտեն, այնպես որ դա նշանակություն չունի։

― Ես անհասկանալի կգրեմ։

― Բայց ոչ շատ անհասկանալի։

― Չէ, մի քիչ, մի քիչ անհասկանալի։

― Գնանք, ժամանակն է։

― Չեմ ուզում մեր այս լավ տնից հեռանալ։

― Ես էլ չեմ ուզում։

― Բայց պետք է գնալ։

― Լավ։ Բայց մենք երբեք երկար չենք ապրել մեր տանը։

― Կապրենք դեռ։

― Մինչև գալս ես մի գեղեցիկ տուն կսարքեմ քեզ համար։

― Գուցե շուտ վերադառնամ։

― Գուցե ոտքդ թեթև վիրավորվի։

― Կամ ականջիս բլթակը։

― Ոչ ուզում եմ, որ ականջերդ նույնը մնան։

― Իսկ ոտքերս ո՞չ։

― Ոտքերդ առանց այն էլ վիրավոր են։

― Պետք է գնալ, սիրելիս։ Պետք է։

― Լավ։ Առաջինը դու գնա։

Գլուխ 24

Մենք չսպասեցինք վերելակի և ոտքով իջանք։ Աստիճանների վրա փռված գորգը մաշված էր։ Երբ մատուցողը ճաշը բերեց, ես իսկույն վճարեցի։ Այդ նույն մատուցողը հիմա նստած էր մուտքի մոտ։ Նա թռավ տեղից, գլուխ տվեց, ու ես գրասենյակ գնացի նրա հետ, վճարեցի համարի վարձը։ Վարիչն ինձ ընդունել էր որպես բարեկամի և հրաժարվել փողը նախօրոք վերցնելու, բայց հետո մատուցողին նստեցրել է դռան մոտ, որպեսզի հանկարծ չփախչեմ։ Ըստ երևույթին, այդպիսի դեպքեր եղել էին, նույնիսկ բարեկամներն էին փախել։ Ինչքան շատ են բարեկամները պատերազմի ժամանակ։

Մատուցողին խնդրեցի կառք գտնել, և նա իմ ձեռքից վերցրեց Կետրինի կապոցը ու, հովանոցը բացելով, դուրս եկավ հյուրանոցից։ Պատուհանից տեսանք, թե ինչպես անձրևի տակ նա անցավ փողոցը։ Մենք կանգնել էինք գրասենյակում և նայում էինք պատուհանից։

― Ինչպե՞ս ես, Կետ։

― Քունս է տանում։

― Իսկ ես լրիվ դատարկ եմ ու քաղցած։

― Ուտելու բան վերցրե՞լ ես։

― Այո, ուսապարկի մեջ է։

Տեսա, որ մի կառք էր գալիս դեպի հյուրանոց։ Կանգ առավ, ձին անձրևի տակ կախեց գլուխը, մատուցողը բաց արեց հովանոցը, իջավ կառքից ու մտավ հյուրանոց։ Դռան մոտ հանդիպեցինք նրան, և, հովանոցը բռնած, քայլեցինք թաց մայթով ու մոտեցանք կառքին։ Մայթի ծայրին անձրևաջուր էր հոսում։

― Կապոցը նստարանի վրա է, ― ասաց մատուցողը։

Հովանոցը ձեռքին, կանգնած սպասում էր, մինչև որ մենք կառք նստեինք, իսկ հետո ես մի քանի մանր դրամ տվեցի նրան։

― Շնորհակալություն։ Բարի ճանապարհ, ― ասաց նա։

Կառապանը բարձրացրեց սանձերը, ու ձին շարժվեց։

Մատուցողը, հովանոցը բռնած, շուռ եկավ ու մտավ հյուրանոց։ Մենք գնում էինք մայթի կողքով, հետո ձախ շրջվեցինք և աջ կողմից մոտեցանք կայարանին։ Երկու կարաբինավոր կանգնել էին փողոցի լապտերի տակ ու պաշտպանվել անձրևից։ Նրանց գլխարկները փայլում էին լապտերի լույսից։ Կայարանի լույսերի մեջ անձրևը մաքուր էր ու թափանցիկ։ Ծածկի տակից հայտնվեց մի բեռնակիր, կուչ եկավ մի փոքր և բարձրացրեց օձիքը։

― Պետք չէ, ― ասացի ես, ― շնորհակալություն։

Նա նորից մտավ ծածկի տակ։ Դարձա ու նայեցի Կետրինին։ Դեմքն ստվերի մեջ էր։

― Ցտեսությո՞ւն ասենք։

― Գնամ․․․

― Մի գնա։

― Ցտեսություն, Կետ։

― Ասա նրան հիվանդանոցի հասցեն։

― Լավ։

Ասացի հասցեն։ Կառապանը գլխով արեց։

― Ցտեսություն, ― ասացի ես։ ― Լավ նայիր քեզ ու փոքրիկ Կետրինին։

― Ցտեսություն, սիրելիս։

― Ցտեսություն, ― ասացի ես։

Դուրս եկա անձրևի տակ, և կառքը շարժվեց։ Կետրինը գլուխը հանեց կառքից, ու լապտերի լույսի տակ ես տեսա նրա դեմքը։ Ժպտում էր և ձեռքով անում։ Կառքը գնում էր փողոցով։ Կետրինը մատով ցույց էր տալիս ծածկի կողմը։ Շուռ եկա և նայեցի։ Այնտեղ միայն ծածկ կար։ Ծածկի տակ երկու կարաբինավոր։ Հասկացա․ ուզում էր, որ պատսպարվեմ անձրևից։ Կանգնեցի ծածկի տակ ու նայեցի, թե ինչպես փողոցի անկյունում կառքը թեքվեց ու հեռացավ։ Հետո անցա կայարանի շենքի միջով ու դուրս եկա կառամատույց։

Դռնապանն սպասում էր ինձ։ Վագոն մտա նրա հետ, անցա միջանցքում խռնված բազմության միջով և, դուռը բացելով, մի կերպ խցկվեցի լեփ֊լեցուն կուպեն, որի անկյունում նստած էր գնդացրորդը։ Իմ ուսապարկն ու պայուսակները նրա գլխավերևում էին, բեռնացանցի վրա։ Միջանցքում մեծ բազմություն էր հավաքվել, ու երբ մենք ներս մտանք, կուպեում նստածները նայեցին մեզ։ Գնացքում տեղ չկար և բոլորն էլ թշնամաբար էին տրամադրված։ Գնդացրորդը վեր կացավ և տեղը տվեց ինձ։ Ինչ֊որ մեկը թփթփացրեց ուսիս։ Ետ նայեցի։ Շատ բարձրահասակ, նիհար մի կապիտան էր, այտին՝ կարմիր սպի։ Ապակեպատ դռնից տեսել էր ամեն ինչ ու ներս մտել։

― Ի՞նչ եք ուզում, ― հարցրի ես։

Շուռ եկա ու նայեցի դեմքին։ Ինձնից բարձրահասակ էր, և գլխարկի հովհարի ստվերում դեմքը շատ նիհար էր երևում, իսկ սպին թարմ էր ու ողորկ։ Բոլորն էլ ինձ էին նայում։

― Այդպիսի բան չեն անում, ― ասաց նա։ ― Չի կարելի զինվորի ուղարկել և նախօրոք տեղ գրավել։

― Իսկ ես այդպես ուզեցի անել։

Նա խոր շունչ առավ, ու ես տեսա, թե ինչպես էր ադամախնձորը բարձրանում և իջնում։ Գնդացրորդը կանգնել էր դատարկ տեղի մոտ։ Միջանցքի մարդիկ ևս նայում էին ապակեպատ միջնորմից։ Բոլորն էլ լուռ էին։

― Դուք իրավունք չունեք։ Ես ձեզնից երկու ժամ առաջ եմ եկել։

― Ի՞նչ եք ուզում։

― Նստել։

― Ես էլ եմ ուզում։

Նայեցի նրա դեմքին ու զգացի, որ բոլորն էլ դեմ են։ Չէի մեղադրում նրանց։ Նա իրավացի էր։ Բայց ես նստել էի ուզում։ Առաջվա պես լռություն էր շուրջը։ «Գրողը տանի», մտածեցի ես։

― Նստեք, singor capitano, ― ասացի ես։

Գնդացրորդը մի կողմ քաշվեց, և բարձրահասակ կապիտանը նստեց։ Հետո նայեց ինձ։ Հայացքում անհանգստություն կար։ Բայց նա ստացել էր ուզածը։

― Վերցրեք իրերս, ― ասացի գնդացրորդին։

Դուրս եկանք միջանցք։ Գնացքը լեփ֊լեցուն էր, ու ես գիտեի, որ նստելու հույս չկար։ Դռնապանին ու գնդացրորդին տասական լիրա տվեցի, նրանք իջան վագոնից, անցան կառամատույցի ամբողջ երկայնքով և մեկ առ մեկ նայեցին վագոնների պատուհաններից, բայց տեղ չկար։

― Գուցե մեկն ու մեկը իջնի Բրեշիայում, ― ասաց դռնապանը։

― Բրեշիայում էլի կնստեն, ― ասաց գնդացրորդը։

Մենք հրաժեշտ տվինք իրար, նրանք սեղմեցին ձեռքս ու գնացին։ Երկուսի տրամադրությունն էլ ընկել էր։ Երբ գնացքը շարժվեց, բոլոր տեղ չունեցողներս կանգնած էինք միջանցքում։ Ճանապարհին, պատուհանից նայում էի ուղեփոխ սլաքներին ու լապտերին։ Անձրև էր գալիս դեռ, և շուտով պատուհանները թրջվեցին ու այլևս ոչինչ հնարավոր չէր տեսնել։ Ավելի ուշ պառկեցի միջանցքի հատակին, բայց նախ հանեցի դրամապանակս, որի մեջ նաև փաստաթղթեր կային, և խոթեցի շապիկիս ու տաբատիս տակ, այսինքն, ազդրիս ու շալվարիս միջև։ Ամբողջ գիշերը քնեցի, արթնացա միայն Բրեշիայի և Վերոնայի կանգառներում, որտեղ նորանոր ուղևորներ էին գնացք նստում, բայց անմիջապես նորից քնեցի։ Ուսապարկիս մեկը դրել էի գլխիս տակ, մյուսը ձեռքերով գրկել ու, եթե չուզենային կոխրտել, կարող էին հեշտությամբ անցնել իմ վրայից։ Միջանցքի ամբողջ հատակին մարդիկ էին պառկած։ Ոմանք՝ ձեռքերը պատուհանների բռնակներին դրած, կանգնել էին կամ հենվել դռներին։ Այս գնացքը միշտ էլ լեփ֊լեցուն էր գնում։

Գիրք երրորդ

Գլուխ 25

Աշուն էր արդեն, բոլոր ծառերը մերկացել էին, և ճանապարհները ցեխով էին ծածկվել։ Ուդինից բեռնատար ավտոմեքենայով Գորիցա գնացի։ Անցնում էինք ուրիշ բեռնատարների կողքով, ու ես դիտում էի շուրջս։ Թթենիները մերկացել էին, դաշտերը՝ մգացել։ Թաց և մեռած տերևները թափվել էին մերկ ծառերի տակ, և բանվորները ճամփեզրին դիզված կույտերից խճաքար էին վերցնում ու լցնում փոսերը։ Երևացին քաղաքը, ու քաղաքի վրա նստած մշուշը, որը թույլ չէր տալիս լեռները տեսնել։ Անցանք գետը, և ես նկատեցի, որ ջուրը կարգին բարձրացել է։ Լեռներում անձրև էր գալիս։ Քաղաք մտանք, անցանք ֆաբրիկաների, հետո առանձնատների կողքով ու ես նկատեցի, որ իմ բացակայությունից հետո ավելի շատ տներ էին ավերվել ռումբերից։

Նեղ փողոցում անցանք անգլիական կարմիր խաչի ավտոմեքենայի մոտով։ Վարորդը գլխարկ էր դրել, դեմքը նիհար էր և չափազանց թուխ։ Չէի ճանաչում նրան։ Իջա քաղաքապետարանի դիմաց գտնվող մեծ հրապարակում, վարորդը տվեց ուսապարկս, որը կապեցի մեջքիս, ապա կոճկեցի երկու պայուսակներն ու գնացի մեր առանձնատունը։ Դա բնավ նման չէր տունդարձի։

Քայլում էի ծառուղու թաց մանրախճերի վրայով ու նայում ծառերի ետևում սպիտակին տվող առանձնատանը։ Բոլոր պատուհանները փակ էին, իսկ դուռը՝ բաց։ Մտա ու տեսա մայորին։ Նստել էր գրասեղանի առջև, դատարկ մի սենյակում, որի պատերը ծածկված էին միայն քարտեզներով ու մեքենագիր թղթերով։

― Ողջույն, ― ասաց նա։ ― Ինչպե՞ս եք։

Նա ծերացել էր և մի տեսակ չորացել։

― Լավ եմ, ― ասացի ես։ ― Իսկ գործե՞րն ինչպես են։

― Ամեն ինչ վերջացավ, ― ասաց նա։ ― Բեռը ցած դրեք, նստեք։

Ուսապարկն ու երկու պահունակները դրեցի հատակին, գլխարկս՝ ուսապարկի վրա։ Պատի տակից մի աթոռ վերցրի ու նստեցի։

― Շատ լավ ամառ էր, ― ասաց մայորը։ ― Առողջացե՞լ եք։

― Այո։

― Ստացա՞ք պարգևները։

― Այո։ Առոք֊փառոք ստացա։ Շնորհակալություն։

― Հապա տեսնեմ։

Բաց արի թիկնոցս, որպեսզի երևան երկու ժապավենները։

― Մեդալնե՞րն էլ ստացաք։

― Ոչ։ Միայն թղթերը։

― Մեդալները հետո կուղարկեն։ Մի քիչ երկար կտևի։

― Ինձ ո՞ւր եք նշանակելու։

― Մեքենա չկա։ Վեցն էլ Կապորետոյում են։ Գիտե՞ք ուր է Կապորետոն։

― Այո, ― ասացի ես։ Հիշեցի փոքրիկ, սպիտակ մի քաղաք, հովտում՝ զանգակատուն։ Քաղաքը մաքուր էր, իսկ հրապարակում մի գեղեցիկ շատրվան կար։

― Մեքենաները այնտեղ են։ Հիվանդները հիմա շատացել են։ Մարտերը վերջացան։

― Իսկ մյուսնե՞րն ուր են։

― Երկուսը լեռներում են, չորսը Բարինզիցայում են մնացել։ Իսկ մյուս երկու սանիտարական ջոկատները Կարսոյում են, երրորդ բանակում։

― Ինձ ո՞ւր եք ուղարկելու։

― Եթե ուզում եք, կարող եք Բարինզիցայի չորս մեքենան վերցնել։ Ջինոն վաղուց է այնտեղ։ Դուք այս մարտերին չեք մասնակցել, չէ՞, կարծեմ ձեզնից հետո էր։

― Այո։

― Զզվելի բան էր։ Երեք մեքենա կորցրինք։

― Իմացա։

― Այո, Ռինալդին գրեց, չէ՞։

― Որտե՞ղ է Ռինալդին։

― Այստեղ է, հիվանդանոցում։ Ամռանն ու աշնանը հոգին դուրս եկավ։

― Պատկերացնում եմ։

― Սարսափելի էր, ― ասաց մայորը։ ― Չեք պատկերացնում ինչքան սարսափելի էր։ Հաճախ մտածում էի, որ ձեր բախտը բերեց, շուտ վիրավորվեցիք։

― Ես էլ եմ այդպես կարծում։

― Մյուս տարի ավելի վատ կլինի, ― ասաց մայորը։ ― Հավանական է, որ հիմա էլ հարձակման անցնեն։ Ասում են, բայց ես չեմ հավատում։ Շատ ուշ է։ Տեսա՞ք գետը։

― Այո։ Ջուրը բարձրացել է։

― Չեմ կարծում, որ հիմա հարձակման անցնեն, մանավանդ որ արդեն անձրև է գալիս լեռներում։ Շուտով ձյուն էլ կգա։ Իսկ ի՞նչ լուր կա ձեր հայրենակիցներից։ Ինչ է, բացի ձեզնից ուրիշ ամերիկացիների չե՞նք տեսնելու։

― Տասը միլիոնանոց բանակ են հավաքում։

― Լավ կլիներ, որ գոնե մի մասն ուղարկեին։ Բայց ֆրանսիացիները կպահեն բոլորին։ Ոչ ոք այստեղ չի հասնի։ Դե լավ։ Այս գիշեր մնացեք, իսկ վաղը մեքենայով կգնաք, կփոխարինեք Ջինոյին։ Կասեմ, որ որևէ մեկը ուղեկցի ձեզ։ Ջինոն ամեն ինչ կպատմի։ Այնտեղ երբեմն դեռ կրակում են, բայց, միևնույն է, ամեն ինչ արդեն վերջացել է։ Արժե Բարինզիցան տեսնել։

― Ուրախ եմ, որ պիտի տեսնեմ։ Ուրախ եմ, որ նորից ձեզ հետ եմ, signor maggiore.

Նա ժպտաց։

― Դուք շատ սիրալիր եք։ Հոգնել եմ պատերազմից։ Եթե այստեղից գնայի, դժվար թե ցանկանայի վերադառնալ։

― Ուրեմն այդքան վա՞տ էր։

― Այո։ Այդքան և մի քիչ էլ ավելի։ Գնացեք, լվացվեք և ձեր ընկերոջը, Ռինալդիին փնտրեք։

Վերցրի բեռներս ու աստիճաններով բարձրացա։

Ռինալդին սենյակում չէր, բայց իրերը տեղում էին, ու ես նստեցի մահճակալին, հանեցի փաթեթներս և աջ ոտքիս կոշիկը։ Հետո պառկեցի։ Հոգնած էի, և աջ ոտքս ցավում էր։ Ինձ թվաց, թե հիմարություն է մի կոշիկով պառկելը, դրա համար էլ նստեցի, քանդեցի մյուս կոշիկիս կապիչները, գցեցի հատակին ու նորից պառկեցի վերմակի վրա։ Պատուհանները փակ էին, և հեղձուցիչ օդ էր սենյակում, բայց ես շատ էի հոգնած և չէի կարողանում վեր կենալ ու բաց անել։ Տեսա, որ իրերս սենյակի անկյունում էին դրված։ Սկսում էր մթնել։ Մահճակալին պառկած, մտածում էի Կետրինի մասին և սպասում Ռինալդիին։ Որոշեցի Կետրինի մասին միայն գիշերները մտածել, քնելուց առաջ։ Բայց ես հոգնած էի և անելու բան չունեի, դրա համար էլ, պառկած, հիշում էի նրան։ Եվ երբ նրան էի հիշում, Ռինալդին սենյակ մտավ։ Չէր փոխվել։ Միայն մի քիչ նիհարել էր։

― Հը, բեյբի, ― ասաց նա։

Վեր կացա, նստեցի մահճակալին։ Նա մոտեցավ, նստեց կողքիս ու գրկեց ինձ։

― Իմ լավ բեյբի։

Նա թփթփացրեց մեջքիս, ու ես բռնեցի նրա թևերը։

― Իմ լավ բեյբի, ― ասաց նա։ ― Ապա ցույց տվեք ձեր ծունկը։

― Դրա համար պետք է տաբատը հանել։

― Հանեք ձեր տաբատը, բեյբի։ Այստեղ օտար մարդ չկա։ Ուզում եմ տեսնել, թե ոնց են ձեզ մշակել։

Վեր կացա, իջեցրի տաբատս և ծնկի վրայից հանեցի վիրակապը։ Ռինալդին նստեց գետնին և սկսեց զգուշորեն ծալել և ուղղել ոտքս։ Ձեռքը թեթևակի քսեց սպիին, ապա բութ մատները ծնկի երկու կողմերից միացրեց իրար, իսկ մյուս մատներով զգուշությամբ ցնցեց ծունկս։

― Էլ չի ծալվում, հա՞։

― Չէ։

― Հանցագործություն են արել, որ թույլ են տվել վերադառնալ։ Պետք է կարգին ծալվեր, հետո թողնեին։

― Առաջ ավելի վատ էր։ Կարծես գերան լիներ։

Ռինալդին մի անգամ էլ փորձեց։ Ես հետևում էի նրա ձեռքերին։ Վիրաբույժի ճարպիկ ձեռքեր էին։ Նայեցի գլխին ու հարթ սանրած և կողքից ճեղքված փայլուն մազերին։ Հանկարծ ուժեղ ծալեց ոտքս։

― Օ՜ֆ, ― ասացի ես։

― Պետք է մեխանիկական բուժում ստանայիք, ― ասաց Ռինալդին։

― Առաջ ավելի վատ էր։

― Գիտեմ, բեյբի։ Սա արդեն իմ ճյուղն է, ձեզնից լավ եմ հասկանում։ ― Վեր կացավ ու նստեց մահճակալին։ ― Վիրահատությունը վատ չի արված։ ― Սրանով էլ ավարտվեց ծնկի թեման։ ― Իսկ հիմա պատմեք։

― Ի՞նչ պատմեմ, ― ասացի ես։ ― Հանգիստ ապրում էի ինձ համար։

― Այնպես եք խոսում, որ կարծես ընտանիքի տեր լինեք, ― ասաց նա։ ― Ի՞նչ է պատահել։

― Ոչինչ, ― ասացի ես։ ― Իսկ ձե՞զ ինչ է պատահել։

― Այս պատերազմը սպանեց ինձ, ― ասաց Ռինալդին, ― էլ ուժ չմնաց։

Ձեռքերով գրկեց ծունկը։

― Օ՜, ― ասացի ես։

― Ի՞նչ է։ Մարդկային զգացմոնքնե՞ր էլ չեմ կարող ունենալ։

― Ոչ։ Տեսնում եմ, որ ուրախ ամառ եք անցկացրել։ Պատմեք։

― Ամբողջ ամառն ու աշունը զբաղված էի վիրահատելով։ Անդադար աշխատում եմ։ Աշխատում եմ բոլորի փոխարեն։ Ամենադժվար վիրահատություններն ինձ են թողնում։ Աստված վկա, բեյբի, կարգին վիրաբույժ եմ դառնում։

― Այ, սա արդեն լավ է հնչում։

― Ոչինչ չեմ մտածում։ Աստված վկա, չեմ մտածում, վիրահատում եմ միայն։

― Ճիշտ էլ անում եք։

― Բայց հիմա ուրիշ է, բեյբի։ Հիմա արդեն չեմ վիրահատում ու չտեսնված վատ եմ զգում։ Սոսկալի է այս պատերազմը, բեյբի։ Հավատացեք։ Իսկ հիմա մի քիչ ուրախացրեք ինձ։ Ձայնապնակները բերե՞լ եք։

― Այո։

Ուսապարկումս էին, տուփի մեջ, թղթով փաթաթված։

― Իսկ, ինչ է, դուք վատ չե՞ք զգում, բեյբի։

― Այն էլ ինչպես։

― Անտանելի է այս պատերազմը, ― ասաց Ռինալդին։ ― Դե լավ։ Մի քիչ խմենք, զվարճանանք, քամուն տանք հոգսերը։ Եվ ամեն ինչ լավ կլինի։

― Դեղնախտ ունեի, ― ասացի ես, ― ինձ չի թույլատրվում։

― Է՜, բեյբի, այս ի՞նչ ձևով եք ինձ մոտ վերադարձել։ Լրջացած, հիվանդ լյարդով։ Ճիշտ եմ ասում՝ զզվելի բան է պատերազմը։ Չեմ հասկանում, ի՞նչ գործ ունեինք։

― Եկեք խմենք։ Հարբել չեմ ուզում, բայց մի քիչ կարելի է խմել։

Ռինալդին մոտեցավ լվացարանին, երկու բաժակ վերցրեց ու մի շիշ կոնյակ։

― Ավստրիական կոնյակ է, ― ասաց նա։ ― Յոթ աստղանի։ Այն ամենն, ինչ հաջողվել է բռնագրավել Սան֊Գաբրիելում։

― Եղե՞լ եք այնտեղ։

― Ոչ։ Ոչ մի տեղ էլ չեմ եղել։ Միշտ այստեղ էի ու անընդհատ վիրահատում էի։ Նայեք, բեյբի, սա ձեր ատամ լվալու հին բաժակն է։ Պահել եմ, որ միշտ հիշեմ ձեզ։

― Կամ հիշեք, որ պետք է մաքրել ատամները։

― Ոչ։ Ես էլ այսպիսի բաժակ ունեմ։ Պահել եմ որպեսզի հիշեմ, թե ինչպես էիք առավոտները փորձում մաքրվել Վիա Ռոսայից, և հայհոյում էիք, և ասպիրին կուլ տալիս, և անիծում աղջիկներին։ Ամեն անգամ, երբ նայում եմ այս բաժակին, հիշում եմ, թե ինչպես էիք փորձում ատամի խոզանակով մաքրել մեր խիղճը։ ― Նա մոտեցավ մահճակալին։ ― Համբուրեք ինձ և ասեք, որ էլ այդքան լուրջ չեք լինի։

― Այդ էր պակաս, որ համբուրեմ։ Դուք կապիկ եք։

― Գիտեմ, անգլոսաքսոնացի լավ տղա եք դուք։ Գիտեմ։ Ձեր խիղճը ձեզ տանջում է, գիտեմ։ Կսպասեմ, մինչև որ իմ անգլոսաքսոնացի տղան ատամի խոզանակով հասարակաց տունը նորից մաքրի իր վրայից։

― Կոնյակ լցրեք։

Բաժակները խփեցինք իրար ու խմեցինք։ Ռինալդին ծիծաղում էր ինձ վրա։

― Հիմա մի լավ կխմեցնեմ, կհանեմ ձեր լյարդը մի կարգին իտալական լյարդ կդնեմ ու նորից մարդ կդարձնեմ ձեզ։

Մեկնեցի բաժակս, որպեսզի էլի կոնյակ լցնի։ Արդեն լրիվ մութ էր։ Բաժակը ձեռքիս մոտեցա պատուհանին ու բաց արի։ Անձրևն արդեն դադարել էր։ Ցուրտ էր, և ծառերը մշուշով էին ծածկվել։

― Կոնյակը պատուհանից չթափեք, ― ասաց Ռինալդին։ ― Եթե չեք կարող խմել, ինձ տվեք։

― Խմեք, տրաքվեք, ― ասացի ես։

Ուրախ էի, որ կրկին հանդիպել էի Ռինալդիին։ Երկու տարի շարունակ նա ձեռ էր առնում ինձ, և դա ինձ դուր էր գալիս։ Մենք լավ էինք հասկանում իրար։

― Ամուսնացա՞ք, ― մահճակալին նստած, հարցրեց ինձ։ Ես կանգնել էի պատուհանի մոտ ու պատին հենվել։

― Դեռ ոչ։

― Սիրահարվա՞ծ եք։

― Այո։

― Անգլիացի աղջկա՞ն։

― Այո։

― Խեղճ բեյբի։ Իսկ նա սիրո՞ւմ է ձեզ։

― Իհարկե։

― Իսկ գործնականում ապացուցե՞ց, որ սիրում է։

― Ձայներդ կտրեք։

― Ինչու չէ, կկտրեմ։ Այ, կտեսնեք, թե որքան փափկանկատ եմ ես։ Իսկ նա․․․

― Ռինի, ― ասացի ես։ ― Խնդրում եմ լռեք։ Եթե ուզում եք, որ ընկերներ մնանք, լռեք։

― Ի՞նչ ընկերներ, բեյբի։ Մենք արդեն ընկերներ ենք։

― Ուրեմն լռեք։

― Շատ լավ։

Մոտեցա մահճակալին ու նստեցի Ռինալդիի կողքին։ Բաժակը բռնած, նայում էր գետնին։

― Հիմա հասկացա՞ք, Ռինի։

― Այո, իհարկե։ Ամբողջ կյանքումս սուրբ զգացմունքների եմ դեմ առել։ Բայց ոչ ձեզ մոտ։ Դե, իհարկե, երևի դուք էլ կունենաք։ ― Նայում էր գետնին։

― Իսկ դու չունե՞ք։

― Ոչ։

― Բնա՞վ չունեք։

― Բնավ։

― Դուք ինձ թույլ կտայի՞ք, որ ինչ խելքս փչեր ասեի ձեր մոր կամ ձեր քրոջ հասցեին։

― Նույնիսկ ձեր քրոջ մասին, ― աշխուժորեն ասաց Ռինալդին։

Երկուսս էլ ծիծաղեցինք։

― Իսկական գերմարդ, ― ասացի ես։

― Գուցե նախանձում եմ, ― ասաց Ռինալդին։

― Չեք կարող նախանձել։

― Ոչ այդ իմաստով։ Ուրիշ բան էի ուզում ասել։ Ամուսնացած ընկերներ ունե՞ք։

― Ունեմ, ― ասացի ես։

― Իսկ ես չունեմ, ― ասաց Ռինալդին։ Չունեմ այնպիսի ընկերներ, որոնք երջանիկ լինեին իրենց կանանց հետ։

― Ինչո՞ւ։

― Նրանք ինձ չեն սիրում։

― Ինչո՞ւ։

― Ես օձ եմ։ Իմացության օձը։

― Խառնեցիք ամեն ինչ։ Իմացության ծառը։

― Ոչ, օձը, ― մի փոքր զվարճացավ նա։

― Դուք ինձ ավելի եք դուր գալիս, երբ չեք խորանում, ― ասացի ես։

― Ես ձեզ սիրում եմ, բեյբի, ― ասաց նա։ ― Հենց որ իտալացի մեծ մտածող եմ դառնում, փեշս քաշեք։ Շատ բան գիտեմ, բայց չեմ կարող բացատրել։ Ձեզնից էլ շատ։

― Այո։ Ինձնից էլ շատ։

― Բայց ձեզ համար ավելի հեշտ կլինի ապրել։ Նույնիսկ խղճի խայթով ավելի հեշտ կլինի ապրել։

― Չեմ կարծում։

― Այո, այո։ Ճիշտ եմ ասում։ Հիմա ես աշխատանքի ժամանակ եմ միայն երջանիկ զգում։

Նորից գետին նայեց։

― Ոչինչ, կանցնի։

― Չի անցնի։ Մեկ էլ երկու բան եմ միայն սիրում․ մեկը խանգարում է աշխատանքիս, իսկ մյուսը հազիվ կես ժամ է տևում կամ տասնհինգ րոպե։ Երբեմն էլ՝ ավելի քիչ։

― Երբեմն է՛լ ավելի քիչ։

― Գուցե հաջողություններ եմ ունեցել, բեյբի։ Դուք ի՞նչ գիտեք։ Բայց ես միայն այդ երկուսն եմ գնահատում և մեկ էլ՝ իմ աշխատանքը։

― Դեռ ուրիշ բաներ էլ կգնահատեք։

― Ոչ։ Մենք երբեք ուրիշ ոչինչ չենք գնահատում։ Ծնվում ենք այնպես, ինչպես կանք ու էլ երբեք ոչինչ չենք սովորում։ Ոչ մի նոր բան չենք իմանում։ Սկսում ենք արդեն վերջացած։ Ուրախ եղեք, որ լատինացի չեք։

― Լատին֊մատին գույություն չունի։ Այ, սա է լատինական մտածելակերպը։ Դուք հպարտանում եք ձեր թերություններով։

Ռինալդին բարձրացրեց հայացքը ու ծիծաղեց։

― Դե լավ, հերիք է, բեյբի։ Հոգնեցի դատողություններից։ ― Երբ քիչ առաջ սենյակ մտավ, իսկույն նկատեցի, որ հոգնած տեսք ուներ։ ― Շուտով ճաշի ժամն է։ Ուրախ եմ, որ վերադարձաք։ Դուք իմ ամենալավ ընկերն եք և իմ զինակից եղբայրը։

― Ե՞րբ են ճաշում զինակից եղբայրները։

― Հիմա, հիմա։ Մի անգամ էլ խմենք ձեր լյարդի կենացը։

― Պողոս առաքյալի՞ պես։

― Վատ եք հիշում։ Գինի և ստամոքս կար այնտեղ։ Մի քիչ գինի խմեք, որպեսզի բուժեք ձեր ստամոքսը։

― Մեկ է՝ ինչի համար, ― ասացի ես։ ― Ամեն ինչի համար էլ կխմեմ։

― Ձեր աղջկա կենացը, ― ասաց Ռինալդին և բարձրացրեց բաժակը։

― Համաձայն եմ։

― Էլ ոչ մի վատ բան չեմ ասի նրա մասին։

― Մի բռնացեք ձեզ վրա։

Նա մինչև վերջ խմեց կոնյակը։

― Իմ հոգին մաքուր է, ― ասաց նա։ ― Ես ձեզ նման եմ, բեյբի։ Ես էլ եմ անգլիացի աղջիկ ճարելու։ Փաստորեն առաջինը ես եմ ծանոթացել ձեր աղջկա հետ, բայց իմ համեմատությամբ շատ բարձրահասակ էր նա։ Բարձրահասակ մի աղջիկ, որ քույրն է իմ, ― արտասանեց նա։

― Դուք շատ գեղեցիկ ու մաքուր հոգի ունեք, ― ասացի ես։

― Այդպես է չէ՞։ Դրա համար էլ ինձ կանչում են մաքրամաքուր Ռինալդի։

― Ամենախոզ Ռինալդի։

― Դե լավ, բեյբի, գնանք ճաշենք, քանի չեմ կորցրել մաքրությունս։

Լվացվեցի, սանրվեցի, ու մենք նորից ցած իջանք։ Ռինալդին մի քիչ գինով էր։ Ճաշարան մտանք, բայց ճաշը դեռ պատրաստ չէր։

― Գնամ կոնյակ բերեմ, ― ասաց Ռինալդին։

Նա վեր բարձրացավ։ Ես նստեցի սեղանի մոտ, քիչ անց բերեց շիշը և ամեն մեկիս կես բաժակ կոնյակ լցրեց։

― Շատ լավ է, ― ասացի ես, բարձրացրի բաժակը ու նայեցի սեղանի լույսի տակ։

― Դատարկ ստամոքսի համար շատ չէ։ Սքանչելի բան է։ Վառում է մեջքդ։ Դրանից վատ բան չկա ձեզ համար։

― Դե լավ, թող այդպես լինի։

― Սիստեմատիկ ինքնաքայքայում, ― ասաց Ռինալդին։ ― Փչացնում է ստամոքսը և դողացնում ձեռքերը, իսկ և իսկ վիրաբույժի գործ է։

― Ուրեմն խորհո՞ւրդ եք տալիս։

― Այո, սրտանց։ Ես ուրիշ բան չեմ խմում։ Խմեք, բեյբի, և պատրաստվեք հիվանդանալու։

Խմեցի բաժակի կեսը։ Միջանցքից լսվեց հանձնակատարի ձայնը․ «Ապուրը պատրաստ է»։

Ներս մտավ մայորը, գլխով արեց մեզ ու նստեց։ Սեղանի մոտ նա շատ փոքր էր երևում։

― Էլ մարդ չկա՞, ― հարցրեց նա։

Հանձնակատարը ապուրի ամանը դրեց նրա առջև, ու նա անմիջապես լցրեց ամբողջ պնակը։

― Այսքանս ենք, ― ասաց Ռինալդին ― Մեկ էլ քահանան։ Եթե իմանար Ֆեդերիկոն եկել է, անմիջապես կգար։

― Որտե՞ղ է, ― հարցրի ես։

― Երեք հարյուր յոթերորդում է, ― ասաց մայորը։ Նա զբաղված էր ապուր ուտելով։ Սրբեց բերանը, խնամքով մաքրեց դեպի վեր ոլորած ճերմակ բեղերը։ ― Երևի կգա։ Քիչ առաջ այնտեղ էի։ Երկտող թողեցի, որ եկել եք։

― Ճաշարանը առաջ ավելի աղմկոտ էր, ― ասացի ես։

― Այո, հիմա խաղաղ է, ― ասաց մայորը։

― Ոչինչ, ես կաղմկեմ, ― ասաց Ռինալդին։

― Գինի խմեք, Էնրիկո, ― ասաց Մայորը։

Նա լցրեց իմ բաժակը։ Սպագետտի բերեցին, ու բոլորս զբաղվեցինք ուտելով։ Արդեն վերջացնում էինք, երբ ներս մտավ քահանան։ Չէր փոխվել։ Փոքրամարմին, թուխ և ինքնամփոփ։ Վեր կացա, ու մենք միմյանց ձեռք սեղմեցինք։ Նա ձեռքը դրեց ուսիս։

― Հենց որ իմացա, եկա, ― ասաց նա։

― Նստեք, ― ասաց մայորը։ ― Ուշացել եք։

― Բարի երեկո, հայր սուրբ, ― ասաց Ռինալդին։

― Բարի երեկո, Ռինալդի, ― ասաց քահանան։

Հանձնակատարը ապուր բերեց, բայց նա ասաց, որ ուզում է նախ սպագետտի ուտել։

― Ինչպե՞ս է ձեր առողջությունը, ― նա հարցրեց ինձ։

― Լավ է, ― ասացի ես։ ― Ի՞նչ նորություն կա։

― Գինի խմեք, հայր սուրբ, ― ասաց Ռինալդին։ ― Գինի խմեք ի սեր ստամոքսի։ Պողոս առաքյալն է ասել, գիտեք, չէ՞։

― Գիտեմ, ― քաղաքավարությամբ ասաց քահանան։

Ռինալդին լցրեց նրա բաժակը։

― Ա՜խ այդ Պողոս առաքյալը, ― ասաց Ռինալդին։ ― Նա է ամեն ինչում մեղավոր։

Քահանան նայեց ինձ ու ժպտաց։ Նկատեցի, որ կատակներն արդեն սրտին մոտ չէր ընդունում։

― Ա՜խ այդ Պողոս առաքյալը, ― ասաց Ռինալդին։ ― Ամբողջ կյանքը շնություն է արել ու կանանց ետևից ընկել, իսկ երբ էլ ուժ չի մնացել, ասել է, որ մեղք է այդ ամենը։ Հենց որ անկարող է դարձել, սկսել է օրենքներ հնարել ու սովորեցնել բոլոր նրանց, որոնց ուժը տեղն է դեռ։ Ճիշտ չէ՞, Ֆեդերիկո։

Մայորը ժպտաց։ Այդ պահին մենք տապակած միս էինք ուտում։

― Մայրամուտից հետո սրբերին երբեք չեմ քննադատում, ― ասացի ես։

Քահանան հայացքը բարձրացրեց պնակից ու ժպտաց ինձ։

― Տեսնո՞ւմ եք, նա էլ անցավ քահանայի կողմը, ― ասաց Ռինալդին։ ― Ո՞ւր են մեր հին և բարի կատակները։ Ո՞ւր է Կավալկանտին։ Ո՞ւր է Բրունդին։ Ո՞ւր է Չեզարեն։ Ի՞նչ է, ես մենա՞կ եմ ձեռք առնելու քահանային, առանց ձայնակցողների՞։

― Նա լավ քահանա է, ― ասաց մայորը։

― Լավ քահանա է, ― ասաց Ռինալդին։ ― Բայց քահանա է։ Ես փորձում եմ այնպես անել, որ ճաշարանում ամեն ինչ առաջվա պես լինի։ Ուզում եմ հաճույք պատճառել Ֆեդերիկոյին։ Գրողի ծոցը կորեք, հայր սուրբ։

Նկատեցի, թե ինչպես էր մայորը նայում Ռինալդիին ու հասկանում, որ նա հարբած է։ Նրա նիհար դեմքն սպիտակել էր։ Ճերմակ ճակատի վրա մազերը էլ ավելի սև էին թվում։

― Ոչինչ, Ռինալդի, ― ասաց քահանան։ ― Ոչինչ։

― Գրողի ծոցը կորեք, ― ասաց Ռինալդին։ ― Գրողի ծոցը կորչի ամեն ինչ։

Նա հենվեց աթոռի մեջքին։

― Շատ է աշխատել, շատ է հոգնել, ― մայորն ասաց ինձ։

Կերավ միսը ու հացի պատառով մաքրեց սոուսը։

― Թքել եմ ձեզ վրա, ― ասաց Ռինալդին, դիմելով սեղանին։ ― Գրողի ծոցը կորչի ամեն ինչ։

Մարտահրավեր նետելով, նայեց շուրջը։ Աչքերն անփայլ էին, դեմքը՝ գունատ։

― Դե լավ, ― ասացի ես։ ― Թող գրողի ծոցը կորչի ամեն ինչ։

― Ոչ, ոչ, ― ասաց Ռինալդին։ ― Այդպես չի կարելի։ Այդպես չի կարելի։ Ասում եմ, չի կարելի։ Խավար ու դատարկ, ուրիշ ոչինչ չկա։ Լսո՞ւմ եք, ոչինչ չկա։ Ես դա լավ գիտեմ, երբ չեմ աշխատում։

Քահանան շարժեց գլուխը։ Հանձնակատարը սեղանի վրայից վերցրեց պնակները։

― Ինչո՞ւ եք միս ուտում, ― Ռինալդին դարձավ քահանային, ― ինչ է, չգիտե՞ք, որ այսօր ուրբաթ է։

― Հինգշաբթի է, ― ասաց քահանան։

― Սուտ է։ Ուրբաթ է այսօր։ Դուք փրկչի մարմինն եք ուտում։ Սա աստծո միսն է։ Գիտեմ։ Ավստրիական փտած միս։ Այ թե ինչ եք ուտում։

― Սպիտակ միսը սպաների միսն է, ― ասացի ես, հիշելով մի հին կատակ։

Ռինալդին ծիծաղեց և լցրեց իր բաժակը։

― Մի լսեք ինձ, ― ասաց նա։ ― Խելքս թռցրել եմ մի քիչ։

― Լավ կլիներ արձակուրդ գնայիք, ― ասաց քահանան։

Մայորը բացասաբար շարժեց գլուխը։ Ռինալդին նայեց քահանային։

― Ուրեմն, ըստ ձեզ, ես պետք է արձակո՞ւրդ գնամ։

Մայորը քահանային նայելով, բացասաբար շարժեց գլուխը։ Ռինալդին ևս նայեց քահանային։

― Դուք գիտեք, ― ասաց քահանան։ ― Եթե չեք ուզում, մի գնացեք։

― Գրողի ծոցը կորեք, ― ասաց Ռինալդին։ ― Ուզում եք ազատվել ինձանից։ Ամեն գիշեր փորձում են ազատվել ինձնից։ Իսկ ես պաշտպնվում եմ մի կերպ։ Հետո՞ ինչ, որ ես այսպիսին եմ։ Բոլորն են այսպիսին։ Ամբողջ աշխարհն է այսպիսին։ Նախ, ― դասախոսական տոնով շարունակեց նա, ― փոքրիկ պզուկ է լինում։ Հետո կրծքի վրա ցան է երևում։ Հետո այլևս ոչինչ չենք նկատում։ Հույսներս դնում ենք սնդիկի վրա։

― Կամ սալվարսանի, ― մայորը հանգիստ ընդհատեց նրան։

― Սնդիկյան պրեպարատ, ― ասաց Ռինալդին։ Հիմա նա վերամբարձ տոնով էր խոսում։ ― Ավելի լավ բան էլ գիտեմ։ Իմ բարի, իմ լավ քահանա, ― ասաց նա, ― դուք երբեք այսպիսին չեք լինի։ Իսկ բեյբին կլինի։ Դա արտադրական վթար է։ Արտադրական պարզ վթար։

Հանձնակատարը սուրճ և քաղցրեղեն բերեց։ Քաղցրեղենը հացի պուդինգի նման ինչ֊որ բան էր, վրան՝ առատ մրգանուշ։

― Լամպը մխում էր, սև մրուրը նստել էր ապակու վրա։

― Լամպը տարեք, երկու մոմ բերեք, ― ասաց մայորը։

Հանձնակատարը ամաններին կպած երկու վառվող մոմ բերեց, վերցրեց լամպը, հանգցրեց ու տարավ։ Ռինալդին հանգստացել էր։ Կարծես խելքը գլուխն էր եկել։ Մի քիչ էլ զրուցեցինք, իսկ սուրճը խմելուց հետո գնացինք նախասրահ։

― Դուք երևի ուզում եք քահանայի հետ խոսել։ Իսկ ես պետք է քաղաք գնամ, ― ասաց Ռինալդին։ ― Բարի գիշեր, հայր սուրբ։

― Բարի գիշեր, Ռինալդի, ― ասաց քահանան։

― Կհանդիպենք, Ֆրեդի, ― ասաց Ռինալդին։

― Այո, ― ասացի ես։ ― Շուտ եկեք։

Նա ծամածռեց դեմքն ու դուրս եկավ։ Մայորը կանգնել էր մեր կողքին։

― Շատ է հոգնել, շատ է աշխատել, ― ասաց նա։ ― Եվ համոզված է, որ սիֆիլիս ունի։ Չեմ կարծում, բայց ով գիտե, մեկ էլ տեսար իսկապես ունի։ Բուժում է իրեն։ Բարի գիշեր։ Առավոտը շո՞ւտ եք գնալու Էնրիկո։

― Այո։

― Դե, ուրեմն, ցտեսություն, ― ասաց նա։ ― Բարի ճանապարհ։ Պեդուցին կարթնացնի և կուղեկցի ձեզ։

― Ցտեսություն։

― Ցտեսություն։ Ասում են, թե ավստրիացիները նորից են հարձակվելու, բայց չեմ կարծում։ Չեմ ուզում հավատալ։ Համենայն դեպս այստեղ հարձակում չի լինի։ Ջինոն ձեզ ամեն ինչ կպատմի։ Հեռախոսները հիմա լավ են աշխատում։

― Ես հաճախ զանգ կտամ։

― Խնդրում եմ։ Բարի գիշեր։ Մի թողեք, որ Ռինալդին շատ խմի։

― Կփորձեմ։

― Բարի գիշեր, հայր սուրբ։

― Բարի գիշեր։

Նա գնաց իր առանձնասենյակը։

Գլուխ 26

Մոտեցա դռանը ու դուրս նայեցի։ Անձրևը դադարել էր, բայց մշուշ կար։

― Չգնա՞նք ինձ մոտ, ― հարցրի քահանային։

― Բայց ես չեմ կարող երկար մնալ։

― Ոչինչ, գնանք։

Բարձրացանք աստիճաններով և մտանք իմ սենյակը։ Ես պառկեցի Ռինալդիի մահճակալին։ Քահանան նստեց իմ անկողնու վրա, որ հանձնակատարն էր հարդարել։ Սենյակում մութ էր։

― Այնուամենայնիվ, ինչպե՞ս են ձեր առողջությունը։

― Լավ է։ Պարզապես հոգնել եմ այսօր։

― Ես էլ հոգնած, չնայած բան չեմ արել։

― Ի՞նչ նորություն կա։

― Ինձ թվում է, որ պատերազմը շուտով կավարտվի։ Չգիտեմ ինչու, բայց այդպիսի նախազգացում ունեմ։

― Իսկ ինչի՞ց եք ենթադրում։

― Նկատեցի՞ք, թե ինչքան է փոխվել մայորը։ Մի տեսակ խեղճացել է։ Հիմա շատերն են այդպես։

― Ես էլ․․․

― Սարսափելի ամառ էր, ― ասաց քահանան։ ― Հիմա նա ավելի ինքնավստահ էր, քան առաջ։ ― Չեք կարող պատկերացնել, թե դա ինչ բան էր։ Կարող է պատկերացնել միայն նա, ով եղել է այստեղ։ Այս ամռանը շատերը հասկացան, թե ինչ է նշանակում պատերազմ։ Նույնիսկ սպաները, որոնք կարծես թե ընդունակ չեն դրան, նույնիսկ նրա՛նք հասկացան։

― Հետո ի՞նչ է լինելու։ ― Ափով շոյում էի վերմակը։

― Չգիտեմ, բայց ինձ թվում է, որ սա չի կարող երկար շարունակվել։

― Հետո՞, հետո՞։

― Կդադարեն կռվել։

― Ովքե՞ր։

― Երկու կողմերն էլ։

― Հուսանք, ― ասացի ես։

― Չե՞ք հավատում։

― Չեմ հավատում, որ երկու կողմերն էլ միանգամից կդադարեն կռվել։

― Իհարկե ոչ։ Դա երանելի բան կլիներ։ Բայց երբ տեսնում եմ մարդկանց վիճակը, համոզվում եմ, որ սա չի կարող անվերջ շարունակվել։

― Ո՞վ հաղթեց ամռանը։

― Ոչ ոք։

― Ավստրիացիները հաղթեցին, ― ասացի ես։ ― Սան֊Գաբրիելեն չհանձնեցին իտալացիներին։ Նրանք հաղթեցին։ Նրանք չեն դադարի կռվել։

― Եթե նրանք էլ են նույն ձևով մտածում, գուցե դադարեն։

― Հաղթողը երբեք չի դադարի կռվել։

― Դուք ինձ թևաթափ եք անում։

― Ասում եմ այն, ինչ մտածում եմ։

― Ուրեմն, կարծում եք, որ սա պիտի անընդհատ շարունակվի՞։ Ու ոչինչ չի՞ պատահելու։

― Չգիտեմ։ Միայն կարծում եմ, որ ավստրիացիները չեն դադարի կռվել, քանի որ հաղթանակ են տարել։ Պարտությունն է մեզ քրիստոնյա դարձնում։

― Ավստրիացիներն էլ են քրիստոնյա, բացառությամբ բոսնիացիներից։

― Բառացի մի հասկացեք։ Ես խոսում եմ քրիստոնեական ոգու մասին։

Նա չպատասխանեց։

― Հիմա բոլորս էլ խեղճացել ենք, որովհետև պարտություն ենք կրել։ Ով իմանա՝ ի՞նչ կդառնար Քրիստոսը, եթե Պետրոսը Գեֆսիեմանի այգիներից փրկեր նրան։

― Նույնը կմնար։

― Կասկածում եմ, ― ասացի ես։

― Դուք ինձ թևաթափ եք անում, ― ասաց նա։ ― Ես հավատում եմ, որ պետք է ինչ֊որ բան պատահի և աղոթում եմ դրա համար։ Ես զգում եմ, որ մոտենում է այդ բանը։

― Գուցե և պատահի, ― ասացի ես։ ― Բայց միայն մեզ մոտ։ Եթե նրանք էլ են նույն ձևով մտածում, դա արդեն ուրիշ հարց է։ Բայց նրանք հաղթել են մեզ։ Նրանք այլ ձևով են մտածում։

― Զինվորների մեծ մասը վաղուց ի վեր այդ ձևով է մտածում։ Եվ ոչ այն պատճառով, որ հիմա պարտություն են կրել։

― Նրանք հենց սկզբից են պարտություն կրել։ Պարտություն են կրել այն օրից, երբ նրանց կտրեցին հողից և բանակ տարան։ Ահա թե ինչու է գյուղացին իմաստուն։ Որովհետև հենց սկզբից պարտություն է կրել։ Իշխանություն տվեք նրան և կտեսնեք, թե նա ինչքան իմաստուն է։

Նա չպատասխանեց։ Մտածում էր։

― Ծանր է, ինքս էլ եմ միշտ զգում, ― ասացի ես։ ― Դրա համար էլ աշխատում եմ չմտածել այս ամենի մասին։ Չեմ էլ մտածում։ Բայց երբ սկսում եմ խոսել, ինքնաբերաբար են գալիս այս մտքերը։

― Իսկ ես ինչ֊որ բանի հույս ունեի։

― Պարտությա՞ն։

― Ոչ։ Ավելի մեծ բանի։

― Ավելի մեծ բան չկա բացի հաղթանակից։ Բայց դա կարող է ավելի վատ լինել։

― Երկար ժամանակ կարծում էի, թե կհաղթենք։

― Ես էլ։

― Իսկ հիմա չգիտեմ։

― Մի բան կլինի, հաղթանակ կամ պարտություն։

― էլ չեմ հավատում հաղթանակի։

― Ես էլ։ Բայց պարտության էլ չեմ հավատում։ Թեև դա ավելի լավ կլիներ։

― Իսկ ինչի՞ եք հավատում։

― Երազի, ― ասացի ես։

Նա վեր կացավ։

― Ներեցեք, որ այսքան երկար նստեցի։ Բայց շատ եմ սիրում ձեզ հետ զրուցել։

― Ինձ համար էլ շատ հաճելի է ձեզ հետ զրուցելը։ Երազի մասին հենց այնպես ասացի, կատակով։

Ես վեր կացա, ու մթության մեջ մենք միմյանց ձեռք սեղմեցինք։

― Ես հիմա 307-ում եմ քնում, ― ասաց նա։

― Վաղը առավոտից պահակետերն եմ գնալու։

― Վերադարձին կհանդիպենք։

― Կզբոսնենք ու կխոսենք։

Նրան ուղեկցեցի մինչև դուռը։

― Մի իջեք, ― ասաց նա։ ― Շատ հաճելի է, որ վերադարձաք՝ թեև ձեզ համար այնքան էլ հաճելի չէ։

Նա ձեռքը դրեց ուսիս։

― Ինձ համար էլ վատ չէ, ― ասացի ես։ ― Բարի գիշեր։

― Բարի գիշեր։

― Ciao, ― ասացի ես։

Չտեսնված տանում էր քունս։

Գլուխ 27

Երբ Ռինալդին եկավ, աղմուկից արթնացա, բայց նա չխոսեց, ու ես նորից քնեցի։ Առավոտյան, լուսաբացից առաջ, հագնվեցի ու գնացի։ Երբ դուրս եկա, Ռինալդին դեռ քնած էր։

Առաջին անգամն էի տեսնում Բարինզիցան, և տարօրինակ էր բարձրանալ լեռնալանջը, որը գարնանը դեռևս ավստրիացիների ձեռքին էր, տարօրինակ էր անցնել այն գետափով, որտեղ վիրավորվել էի ես։ Այնտեղ հիմա կառուցված էր նոր և զառիթափի մի ճանապարհ, որտեղից բազմաթիվ բեռնատար ավտոմեքենաներ էին անցնում։ Վերևում ճանապարհն ավելի հարթ էր, ու ես տեսա մշուշի մեջ թաղված անտառներ և զառիթափ բլուրներ։ Անտառներն արագ էին գրավել և չէին հասցրել ոչնչացնել։ Ավելի հեռու, այնտեղ, ուր ճանապարհը չէր պաշտպանված բլուրներով, վերևից ու կողքերից պահպանակներ էին դրված։ Ճանապարհը վերջանում էր ավերված մի գյուղի մոտ։ Այստեղից սկսում էին դիրքերը։ Չորս կողմը հրետանիներ կային։ Տները կիսաքանդ էին, բայց ամեն ինչ լավ էր կազմակերպված, ամենուրեք նշացույցեր էին դրված։ Մենք գտանք Ջինոյին, ու նա մեզ սուրճ հյուրասիրեց, հետո դուրս եկանք միասին, հանդիպեցինք զանազան մարդկանց ու դիտեցինք պահակետերը։ Ջինոն ասաց, որ անգլիական մեքենաներն աշխատում էին Ռավնեում։ Նա հիացած էր անգլիացիներով։ Ասաց, որ երբեմն կրակում են դեռ, բայց վիրավորները քիչ են։ Հիմա, երբ անձրևներ են սկսել, հիվանդների թիվը կավելանա։ Ասում են, թե ավստրիացիները նորից են հարձակվելու, բայց նա չի հավատում։ Ասում են, թե մենք էլ ենք պատրաստվում հարձակման, բայց ոչ մի օժանդակ ուժ դեռ չեն ուղարկել, այնպես որ, դա ևս քիչ հավանական է։ Պարենի նեղություն կա, ու նա շատ ուրախ է, որ Գորիցիայում կարող է կարգին ճաշ ուտել։ ― Ի՞նչ եմ կերել երեկ։ Պատասխանեցի, ու նա ասաց, որ հիանալի բաներ եմ կերել։ Հատկապես dolce-ն մեծ տպավորություն գործեց նրա վրա։ Ես մանրամասն չնկարագրեցի, միայն ասացի, որ dolce են տվել ճաշից հետո և, ըստ երևույթին, նա հացի պուդինգից ավելի լավ բան պատկերացրեց։

Գի՞տեմ, թե նա ուր պետք է գնա։ Ասացի՝ չգիտեմ։ Բայց մեքենաների մի մասը գտնվում է Կապորետոյում։ Երանի այնտեղ գնար։ Սքանչելի քաղաք է, և նրան դուր են գալիս քաղաքը շրջապատող բարձր լեռները։ Նա սքանչելի տղա էր, և բոլորը սիրում էին նրան։ Նա ասաց, որ իսկական դժոխքը Սան֊Գաբրիելեում էր ու Լոմի ճակատամարտում, որը վատ վերջացավ։ Նա ասաց, որ ամենուրեք, անտառներում և Տերնովայի լեռնաշղթայում, ավստրիական հրետանիներ են կանգնած և գիշերը կատաղորեն հրետակոծում են ճանապարհը։ Ծովային թնդանոթների մի ամբողջ մարտկոց ունեն, այդ թնդանոթները շատ են ազդում նրա ջղերի վրա։ Ցածրից էին թռչում դրանց արկերը և հենց դրանով էլ հեշտությամբ զանազանվում։ Համազարկից գրեթե անմիջապես հետո լսվում էր սուլոցի ձայնը։ Սովորաբար երկու թնդանոթ էին իրար ետևից կրակում, և պայթյունի ժամանակ արկի հսկայական բեկորներ էին թռչում։ Նա ինձ ցույց տվեց այդ բեկորներից մեկը, մի ոտնաչափ երկարությամբ քառթված երկաթի մի կտոր, որ նման էր բաբիթի։

― Դժվար թե սրանք լավ արդյունք տան, ― ասաց Ջինոն։ ― Բայց ես վախենում եմ դրանցից։ Այնպիսի ձայն են հանում, որ կարծես ուղիղ քեզ վրա են թռչում։ Սկզբում հարված, հետո՝ սուլոց ու պայթյուն։ Հետո՞ ինչ, որ չեն վիրավորում, փոխարեն՝ վախից լեղապատառ են լինում։

Նա ասաց, որ հիմա դիմացի դիրքերում կանգնած են խորվաթական և հունգարական մի քանի գնդեր։ Մեր զինվորները դեռևս հարձակման դիրքեր են գրավել։ Եթե ավստրիացիները հարձակվեն, նահանջի տեղ չկա։ Հարթավայրից այն կողմ, ցածրիկ լեռներում, պաշտպանողական հիանալի դիրքեր կան, բայց դեռ ոչ մի աշխատանք չի տարված այդ ուղղությամբ։ Իմիջիայլոց Բարինզիցան ի՞նչ տպավորություն թողեց ինձ վրա։

Ավելի հարթ էի պատկերացնում, կարծում էի, թե իսկական հարթավայր է։ Չգիտեի, որ տեղանքն այսքան կտրտված է։

― Alto piano, [16] ― ասաց Ջինոն, ― բայց ոչ piano:[17]

Մենք իջանք այն տան մառանը, որտեղ ապրում էր նա։ Ես ասացի, որ ըստ իս, ավելի հեշտ և ավելի ձեռնտու է պահել լեռնաշարքը, եթե գագաթները տափակ են և որոշ խորություն ունեն, քան թե փոքր լեռների շղթան։ Լեռներում կռվելն ավելի դժվար չէ, քան հարթավայրում, պնդում էի ես։

― Նայած թե ինչ լեռներ են, ― ասաց նա։ ― Վերցրեք, օրինակ, Սան֊Գաբրիելեն։

― Այո, ― ասացի ես։ ― Դրությունը ծանրացավ գագաթին, որը հարթ էր։ Իսկ մինչև գագաթը համեմատաբար հեշտ հասան։

― Ոչ այնքան հեշտ, ― ասաց նա։

― Ճիշտ է, ― ասացի ես։ ― Բայց, համենայն դեպս, ձեր պատմածը հատուկ դեպք էր, որովհետև դա ավելի շատ ամրոց էր, քան՝ լեռ։ Ավստրիացիները տարիներ շարունակ ամրացնում էին այն։

Ուզում էի ասել, որ առաջխաղացման հետ կապված ռազմական գործողություններում լեռների շղթան որպես ճակատի գիծ պահելը տակտիկորեն իմաստ չունի, որովհետև անչափ հեշտ է լեռները շրջանցել։ Այստեղ անհրաժեշտ է առավելագույն դյուրաշարժություն, իսկ լեռներում գրեթե անկարելի է դյուրաշարժ լինելը։ Միաժամանակ, երբ վերևից են կրակում, հաճախ նպատակին չեն դիպչում։ Իսկ երբ թևերը նահանջում են, լավագույն ուժերը մնում են ամենաբարձր գագաթներին։ Անհուսալի բան է լեռներում կռվելը։ Շատ եմ մտածել այդ մասին, ասացի ես։ Մենք նստում ենք մի լեռան վրա, նրանք նստում են մյուս լեռան վրա, բայց հենց որ լուրջ բան է սկսվում, երկու կողմերն էլ իջնում են լեռներից։

― Իսկ ի՞նչ անել, եթե սահմանն անցնում է լեռներով, ― հարցրեց նա։

― Այդ մեկը չեմ մտածել, ― ասացի ես, ու մենք ծիծաղեցինք։ ― Բայց, ասացի ես, ― առաջ միշտ էլ ավստրիացիներին խփում էին Վերոնայի ամրոցների քառակողմերում։ Թողնում էին դաշտ իջնել, և հենց այդտեղ էլ ջարդում էին նրանց։

― Այո, ― ասաց Ջինոն։ ― Բայց նրանք ֆրանսիացիներ էին, իսկ երբ ուրիշի երկրում ես կռվում, միշտ հեշտ է ստրատեգիական խնդիրներ լուծելը։

― Ճիշտ է, ― համաձայնեցի ես։ ― Իսկ երբ դա քո երկիրն է, չես կարող զուտ գիտական մոտեցում ունենալ։

― Ռուսներն այդ արել են, որպեսզի Նապոլեոնին ծուղակ գցեն։

― Այո, բայց ինչ հսկայական տարածություն ունեն նրանք։ Ապա Իտալիայում փորձեք նահանջել՝ Նապոլեոնին ծուղակ գցելու համար, տեղնուտեղը Բրինդիզի կհասնեք։

― Զզվելի տեղ է, ― ասաց Ջինոն։ ― Եղե՞լ եք։

― Անցել եմ միայն։

― Ես հայրենասեր եմ, ― ասաց Ջինոն։ ― Բայց չեմ կարող Բրինդիզին կամ Տարանտոն սիրել։

― Իսկ Բարինզիցան սիրո՞ւմ եք, ― հարցրի ես։

― Սա սրբազան հող է, ― ասաց նա։ ― Բայց կուզենայի, որ այդ հողը ավելի շատ կարտոֆիլ տար։ Երբ այստեղ եկանք, գիտե՞ք ինչ տեսանք․ կարտոֆիլի դաշտեր, որ ավստրիացիներն էին ցանել։

― Ինչ է, իսկապե՞ս պարենի պակաս կա այստեղ։

― Անձամբ ինքս ոչ մի անգամ կուշտ ու կուռ չեմ կերել, բայց ես լավ ուտող եմ և, պետք է ասել, որ երբեք սոված չեմ մնացել։ Ճաշերը բանի պետք չեն։ Առաջավոր գծում լավ են կերակրում, իսկ մեզ մոտ, պաշտոնական դիրքերում՝ ոչ այնքան։ Ինչ֊որ տեղ ինչ֊որ բան սխալ է։ Պետք է առատ լիներ ուտելիքը։

― Սպեկուլյանտները սև շուկայում են ուտելիքը վաճառում։

― Այո, առաջավոր գծի գումարտակներին ինչքան հնարավոր է տալիս են, իսկ թիկունքին մոտ եղողները միշտ էլ նեղության մեջ են։ Ավստրիացիների կարտոֆիլներն ու անտառի շագանակները արդեն վաղուց ենք կերել։ Պետք է մի քիչ ավելի կարգին կերակրեն։ Բոլորս էլ լավ ուտողներ ենք։ Ես վստահ եմ, որ շատ պարեն ունենք։ Վատ է, երբ զինվորները քիչ են ուտում։ Չե՞ք նկատել, թե դա ինչպես է ազդում մտածելակերպի վրա։

― Այո, ― ասացի ես։ ― Դա հաղթանակ չի բերի, բայց պարտություն կարող է բերել։

― Պետք չէ պարտության մասին խոսել։ Առանց այդ էլ պարտության մասին շատ են խոսում։ Չի կարող պատահել, որ այն ամենն, ինչ կատարվեց ամռանը, իզուր է անցել։

Չպատասխանեցի։ Ինձ միշտ էլ շփոթեցրել են «սրբազան, փառավոր զոհ» բառերը և «իզուր» արտահայտությունը։ Երբեմն, անձրևի տակ կանգնած, մենք այդ խոսքերն այնպիսի հեռավորությունից ենք լսել, որ միայն առանձին պատառիկներ են հասել մեր ականջներին, նաև կարդացել ենք պլակատներում, որոնք աֆիշ փակցնողները հաճախ ծեփում էին ուրիշ պլակատների վրա։

Բայց ես սրբազան ոչինչ չեմ տեսել, և այն, ինչ համարվում էր փառավոր, փառքի արժանի չէր բնավ, իսկ զոհերը հիշեցնում էին Չիկագոյի սպանդանոցները, միայն այն տարբերությամբ, որ միսն այստեղ հողի տակ էին թաղում։ Շատ բառեր լսել անգամ չէր լինում, և ի վերջո արդյունքն այն եղավ, որ միայն տեղանունները պահեցին իրենց արժանապատվությունը։ Ինչպես նաև մի քանի թվական ու մի տարեթիվ։ Միայն դրանք ու տեղանուններն արտասանելով դեռևս կարելի էր ինչ֊որ իմաստ արտահայտել։ Գյուղերի որոշակի անունների, գնդերի համարների ու տարեթվերի կողքին անվայել էր դնել այնպիսի վերացական բառեր, ինչպիսիք են «փառք, պատիվ, սխրագործություն» կամ «սրբություն»։ Ջինոն հայրենասեր էր, դրա համար էլ նրա խոսքերը երբեմն անջրպետ էին գոյացնում մեր միջև, բայց միաժամանակ նա լավ տղա էր, ու ես հասկանում էի նրա հայրենասիրությունը։ Դա նրա հետ էր ծնվել։ Նա Պեդուցիի հետ մեքենա նստեց ու գնաց Գորիցա։

Ամբողջ օրը փոթորիկ էր։ Քամին քշում֊տանում էր անձրևաջուրը։ Ամենուրեք՝ ջրափոսեր ու ցեխ։ Ավերված տների ծեփը մոխրագույն էր և թաց։ Երեկոյան դեմ անձրևը դադարեց և համար երկու պահակետից ես տեսա աշնանային թաց և մերկ հողը, բլուրների գագաթներին նստած ամպերը և ճանապարհը քողարկող ծղոտե թաց պահպանակները, որոնցից ջուր էր կաթում։ Մինչև մայր մտնելը, արևը մի անգամ դուրս եկավ ու լուսավորեց լեռնաշարքի անտառները։ Անտառներում ավստրիական շատ հրետանիներ կային, բայց մի քանիսն էին միայն կրակում։ Նայում էի, թե ինչպես էր հանկարծ շրապնելի ծուխը քուլա֊քուլա երկինք բարձրանում ավերված ֆերմայից, որտեղից ճակատի գիծն էր անցնում․ խիտ քուլաներ, մեջտեղում՝ դեղնասպիտակ բռնկումներով։ Նախ բռնկումն էր երևում, հետո լսվում էր ճայթյուն, հետո ծխի գունդը գալարվում էր ու նոսրանում քամուց։ Մեծ թվով շրապնելային գնդակներ էին թափված ավերակների ու քանդված տանը կից ճանապարհի վրա, որտեղ մի պահակետ կար, բայց այդ երեկո պահակետի վրա չէին կրակում։ Բեռնեցինք երկու մեքենա ու գնացինք թաց պահպանակների միջով, որոնց արանքներից թափանցում էին արևի վերջին ճառագայթները։ Երբ դուրս եկանք բաց ճանապարհ, արևն արդեն մայր էր մտել։ Գնացինք բաց ճանապարհով և երբ անցանք շրջադարձը ու նորից մտանք ծղոտե թունելի քառակուսի կամարների տակ, դարձյալ սկսեց անձրև տեղալ։

Գիշերը քամին սաստկացավ և, առավոտվա ժամը երեքին, տեղատարափի տակ սկսեցին ռմբակոծել, ու խորվաթներն անցան լեռնային մարգագետիններն ու անտառները և դուրս եկան ուղիղ մեր դիրքերի վրա։ Նրանք կռվում էին խավարի մեջ և անձրևի տակ, ու երկրորդ գծի զինվորները վախից հակահարձակման անցան ու ետ քշեցին նրանց։ Արկերը պայթում էին, անձրևի տակ թռչում էին հրթիռները և ամբողջ ճակատով մեկ լսվում էին գնդացիրների ու հրացանների կրակոցները։ Նրանք այլևս հարձակվելու փորձ չարեցին, և հիմա չորս կողմը լռություն էր, և հեռավոր հյուսիսից, քամու ու անձրևի պոռթկումների միջև, մենք լսում էինք թնդանոթաձգության դղրդյունները։

Վիրավորներ էին գալիս պահակետ․ ոմանք՝ անձամբ, ոմանց բերում էին պատգարակներով, իսկ ոմանց էլ՝ ուսերին շալակած, բերում էին դաշտից վերադարձող զինվորները։ Բոլորն թրջված էին մինչև ոսկորները և վախեցած։ Երկու մեքենայի մեջ տեղավորեցինք ամենածանր վիրավորներին, որոնք պառկած էին տան նկուղում՝ պահակետում, ու երբ ես ծածկեցի երկրորդ մեքենայի դուռը ու փակեցի սողնակը, զգացի, թե ինչպես անձրևը դեմքիս վրա փոխվեց ձյունի։ Ձյան խիտ և ծանր կաթիլները թափվում էին անձրևի հետ միասին։

Լուսաբացին փոթորիկը շարունակվում էր, բայց ձյունը դադարել էր։ Նա հալչում էր թաց գետնի վրա, ու հիմա նորից անձրև էր գալիս։ Լուսաբացից անմիջապես հետո դարձյալ մի հարձակում եղավ, բայց՝ անհաջող։ Ամբողջ օրը նոր հարձակման էինք սպասում, սակայն մինչև մայրամուտ ոչինչ չպատահեց։ Ռմբակոծությունն սկսվեց հարավից, անտառապատ երկար լեռնաշարքի կողմից, որտեղ կենտրոնացած էր ավստրիական ողջ հրետանին։ Մենք էլ էինք սպասում, որ կռմբակոծեն, բայց այդպիսի բան չեղավ։ Մթնում էր։ Մեր թնդանոթները կրակում էին գյուղի մոտակա դաշտից, և արկերի սուլոցները մի տեսակ հանգստացնում էին մեզ։

Իմացանք, որ հարավի հարձակումն անհաջող էր անցել։ Այդ գիշեր հարձակում չեղավ, բայց իմացանք, որ հյուսիսում ճեղքել են ճակատը։ Գիշերը լուրեր էին պտտվում, որ իբր թե նահանջի ենք պատրաստվում։ Այդ բանն ինձ ասաց պահակետի կապիտանը։ Նա էլ բրիգադի շտաբից էր լսել։ Նա գնաց զանգահարելու և քիչ անց վերադարձավ ու ասաց, որ ամեն ինչ սուտ է։ Շտաբը հրաման էր ստացել, որ ինչ գնով էլ լինի, պետք է պահել Բարինզիցայի դիրքերը։ Հարցրի ճակատը ճեղքելու մասին, և նա ասաց, որ ըստ շտաբում լսած խոսակցությունների, ավստրիացիներն իբր թե ջարդել են քսանյոթերորդ բանակի զորամասերին և Կապորետոյի ուղղությամբ ճեղքել ճակատը։ Երեկ ամբողջ օրը հյուսիսում կատաղի մարտեր էին մղվում։

― Եթե այդ շան որդիները նրանց բաց թողնեն, մենք կորած ենք, ― ասաց նա։

― Գերմանացիներն էլ են հարձակվում, ― ասաց բժիշկներից մեկը։

«Գերմանացի» բառը վախ էր ներշնչում։ Մենք ոչ մի կերպ չէինք ուզում գերմանացիների հետ գործ ունենալ։

― Այնտեղ տասնհինգ գերմանական դիվիզիաներ կան, ― ասաց բժիշկը։ ― Նրանք արդեն ճեղքել են ճակատը, և մենք կտրվել ենք ամեն ինչից։

― Շտաբում ասում են, թե պետք է պահենք մեր դիրքերը։ Ասում են, որ ճեղքվածքն առանձնապես մեծ չէ, և մենք հիմա պետք է լեռների միջով մինչև Մոնտե Մաջորե պահենք ճակատի գիծը։

― Իսկ որտեղի՞ց են ստացել այդ տեղեկությունները։

― Դիվիզիայի շտաբից։

― Նահանջի մասին էլ էին դիվիզիայի շտաբից իմացել։

― Բանակի շտաբն է մեր ղեկավարը, ― ասացի ես։ ― Իսկ այստեղ դուք եք իմ ղեկավարը։ Բնական է, որ եթե կարգադրեք գնալ, ես կգնամ։ Միայն թե որոշեք։

― Հրամանն ասում է, որ պետք է մնաք։ Ձեր պարտականությունն է վիրավորներին տեղափոխել բաշխակայան։

― Երբեմն ստիպված ենք լինում նաև բաշխման կայանից տեղափոխել դաշտային հոսպիտալները, ― ասացի ես։ ― Ասեք, խնդրում եմ, (ես երբեք նահանջ չեմ տեսել), նահանջի ժամանակ ինչպե՞ս են էվակուացնում վիրավորներին։

― Բոլորին չեն էվակուացնում։ Տեղափոխում են այնքան վիրավորների, որքան որ հնարավոր է, իսկ մնացածներին թողնում են։

― Ես ի՞նչ եմ տանելու։

― Հիվանդանոցային սարքեր։

― Պարզ է, ― ասացի ես։

Հաջորդ գիշերն սկսեցինք նահանջել։ Հայտնի դարձավ, որ գերմանացիներն ու ավստրիացիները հյուսիսում ճեղքել են ճակատը և լեռնային հովիտներով շարժվում են դեպի Չիվիդալե և Ուդին։ Նահանջում էինք անձրևի տակ, կազմակերպված ու մռայլ։ Գիշերը դանդաղ առաջ էինք գնում խճողված ճանապարհներով ու տեսնում, թե ինչպես էին անձրևի տակ քայլում զինվորները, անցնում թնդանոթները, ձիերով լծված սայլակառքերը, ջորիները, բեռնատար ավտոմեքենաները, և այս ամենը հեռանում էին ճակատից։ Նահանջի անկարգությունները առանձնապես չէին տարբերվում առաջխաղացման անկարգություններից։

Այդ գիշեր մենք օգնում էինք, որ պարպեն դաշտային հոսպիտալները, որոնք տեղավորված էին հարթավայրի անվնաս մնացած գյուղերում ու վիրավորներին տեղափոխում էինք Պլավա, իսկ հաջորդ օրը շարունակ վազվզում էինք անձրևի տակ և հոսպիտալներն էվակուացնում Պլավայի բաշխման կայանը։ Համառորեն անձրև էր գալիս և, հոկտեմբերյան անձրևի տակ, Բարինզիցայի բանակն իջնում էր սարահարթից և անցնում գետի այն մասով, որտեղ, այս տարվա գարնանը, առաջին մեծ հաղթանակն էինք տարել։ Հաջորդ օրվա կեսին հասանք Գորիցիա։ Անձրևը դադարեց, և քաղաքը գրեթե դատարկ էր։ Փողոցով անցնելիս տեսանք մի բեռնատար, որտեղ տեղավորվում էին զիվորական պոռնկատան աղջիկներին։ Յոթ աղջիկ էին, և բոլորն էր՝ գլխարկներով ու վերարկուներով, և ամեն մեկի ձեռքին՝ փոքրիկ մի ճամպրուկ։ Նրանցից երկուսը լաց էին լինում։ Երրորդը ժպտաց մեզ, հանեց լեզուն և սկսեց այս ու այն կողմ շարժել։ Հետո, ուռած շուրթեր ուներ ու սև աչքեր։

Կանգնեցրի մեքենան, դուրս եկա ու խոսեցի տիրուհու հետ։ Սպաների պոռնկատան աղջիկները վաղ առավոտյան են գնացել, ասաց նա։ Իսկ իրե՞նք ուր են գնում։ Կոնելյանո, ասաց նա։ Բեռնատարը շարժվեց։ Հաստ շուրթերով աղջիկը նորից լեզու ցույց տվեց մեզ։ Տիրուհին ձեռքով արեց։ Երկու աղջիկները շարունակում էին լաց լինել։ Մյուսները հետաքրքրությամբ դիտում էին քաղաքը։ Ես նորից նստեցի մեքենան։

― Երանի նրանց հետ գնայինք, ― ասաց Բոնելլոն։ ― Ուրախ ճամփորդություն կլիներ։

― Առանց այդ էլ ուրախ կլինի, ― ասացի ես։

― Ի՞նչ ուրախ, դժոխայի՛ն։

― Հենց այդ էլ նկատի ունեի, ― ասացի ես։

Դուրս եկանք մի արահետ, որ տանում էր դեպի մեր առանձնատունը։

― Շատ կուզենայի այնտեղ լինել, երբ այդ անառիկ բալիկները տեղավորվեին ու գործի անցնեին։

― Կարծում եք, որ հենց միանգամից գործի՞ կանցնեն։

― Այն էլ ինչպես։ Երկրորդ բանակում ով ասես չի ճանաչում տիրուհուն։

Մենք արդեն հասել էինք առանձնատանը։

― Նրան կոչում են գերագույն մայրիկ, ― ասաց Բոնելլոն։ ― Աղջիկները նոր են, բայց նրան բոլորն են ճանաչում։ Երևի հենց նահանջից առաջ են բերել նրանց։

― Հիմա կարգին գործ կանեն։

― Ես էլ եմ ասում, որ կարգին գործ կանեն։ Կուզենայի ձրի զվարճանալ նրանց հետ։ Համենայն դեպս, թանկ են վերցնում այդ տեղերում։ Պետությունը պարզապես թալանում է մեզ։

― Լսում եմ, signor tenente։

― Յուղը փոխեք և ստուգեք դիֆերենցիալը։ Բենզին էլ լցրեք։ Իսկ հետո կարող եք մի քիչ քնել։

― Լսում եմ, signor tenente։

Առանձնատունը դատարկ էր։ Ռինալդին գնացել էր հոսպիտալի հետ միասին։ Մայորը շտաբի մեքենայով տարել էր բուժանձնակազմին։ Պատուհանի վրա ինձ համար մի երկտող էր գրված՝ սրահում դարսված սարքավորումները լցնել մեքենան ու տեղափոխել Պորդենոն։ Մեխանիկներն արդեն գնացել էին։ Վերադարձա գարաժ։ Մինչ ես ման էի գալիս առանձնատանը, մյուս երկու մեքենաներն արդեն եկել էին, ու վարորդներն սպասում էին բակում։ Նորից սկսեց անձրև տեղալ։

― Այնքան էի ուզում քնել, որ Պլավայի ճանապարհին երեք անգամ քունս տարավ, ― ասաց Պիանին։ ― Ի՞նչ ենք անելու։

― Յուղը կփոխենք, բենզին կլցնենք, կմոտենանք գլխավոր մուտքին և կբեռնենք մեզ թողնված իրերը։

― Հետո ճամփա՞ կընկնենք։

― Ոչ։ Կարող ենք երեք ժամ քնել։

― Փառք աստծո, գոնե կքնենք մի քիչ, ― ասաց Բոնելլոն։ ― Թե չէ ղեկի մոտ նորից քունս կտաներ։

― Այո՞, ի՞նչ վիճակում է ձեր մեքենան։

― Ամեն ինչ կարգին է։

― Կաշվե բաճկոն տվեք, ես ձեզ կօգնեմ։

― Պետք չէ, tenente, ― ասաց Այմոն։ ― Անելու բան չկա։ Գնացեք հավաքեք ձեր իրերը։

― Իրերս հավաքված են, ― ասացի ես։ ― Գնամ դուրս հանեմ սրահի աղբը։ Որ բենզին լցնեք վերջացնեք, մեքենաները մուտքի մոտ բերեք։

Մեքենաները մոտեցան գլխավոր մուտքին, և սրահում դարսված հոսպիտալի սարքավորումները լցրինք թափքերի մեջ։ Երբ արդեն ամեն ինչ պատրաստ էր, մեքենաները իրար ետև շարվեցին ծառուղում, անձրևի տակ։ Մենք տուն մտանք։

― Խոհանոցում կրակ վառեք և չորացրեք ձեր շորերը, ― ասացի ես։

― Ոչինչ, թող թաց մնան, ― ասաց Պիանին։ ― Քունս տանում է։

― Ես մայորի մահճակալին եմ քնելու, ― ասաց Բոնելլոն։

― Ինձ համար միևնույն է, ― ասաց Պիանին։

― Այստեղ երկու մահճակալ կա։ ― Բացեցի սենյակի դուռը։

― Ես այս սենյակում երբեք չեմ եղել, ― ասաց Բոնելլոն։

― Սա ձեր դրոշի սենյակն է, ― ասաց Պիանին։

― Երկուսդ էլ այստեղ պառկեք, ― ասացի ես։ ― Կարթնացնեմ ձեզ։

― Tenente, եթե ձեր քունը տանի, մի մտահոգվեք, ավստրիացիները կարթնացնեն մեզ, ― ասաց Բոնելլոն։

― Ժամանակին կարթնանամ, ― ասացի ես։ ― Որտե՞ղ է Այմոն։

― Խոհանոց գնաց։

― Պառկեք քնեք, ― ասացի ես։

― Կպառկեմ, ― Ասաց Պիանին։ ― Ամբողջ օրը նստած եմ քնել։ Քիչ է մնում ճակատս ընկնի, փակի աչքերս։

― Կոշիկներդ հանիր, ― ասաց Բոնելլոն։ ― Դոդոշի անկողինն է դա։

― Թքել եմ դոդշի վրա։

Պիանին պառկեց, ձգեց կեղտոտ կոշիկներով ոտքերը, ձեռքը դրեց գլխի տակ։ Գնացի խոհանոց։ Այմոն կրակ էր վառել և կաթսայիկով ջուր դրել օջախին։

― Մի քիչ սպագետտի եփեմ, ― ասաց նա։ ― Զարթնելուց հետո սոցած կլինենք։

― Իսկ քնել չե՞ս ուզում, Բարտոլոմեո։

― Մի քիչ։ Հենց որ ջուրը եռա, կգնամ։ Կրակն ինքն իրեն կհանգչի։

― Ավելի լավ է քնեք, ― ասացի ես։ ― Պանիր ու պահածո էլ կարելի է ուտել։

― Սպագետտին ավելի լավ է, ― ասաց նա։ ― Տաք ճաշը ուժ կտա այդ երկու անարխիստներին։ Իսկ դուք գնացեք քնեք։

― Մայորի սենյակում անկողին կա։

― Հենց այնտեղ էլ քնեք։

― Ոչ, ես կգնամ իմ նախկին սենյակը։ Խմել չե՞ք ուզում, Բարտոլոմեո։

― Երբ որ ճամփա ընկնենք, tenente։ Հիմա ինչի՞ս է պետք։

― Եթե երեք ժամից արթնանաք, ու ես քնած լինեմ, արթնացրեք ինձ, լա՞վ։

― Ժամացույց չունեմ։

― Մայորի սենյակում պատի ժամացույց կա։

― Լավ։

Անցա ճաշարանի ու նախասրահի միջով և մարմարե աստիճաններով բարձրացա այն սենյակը, որտեղ մի ժամանակ ապրում էինք ես ու Ռինալդին։ Անձրև էր գալիս։ Մոտեցա պատուհանին ու դուրս նայեցի։ Արդեն մթնում էր, ու մթության մեջ ես նշմարեցի ծառերի տակ իրար ետև կանգնած երեք մեքենաները։ Ծառերից ջուր էր կաթում։ Ցուրտ էր, և կաթիլները կախվում էին ճյուղերից։ Պառկեցի Ռինալդիի մահճակալին ու թողեցի, որ քունը հաղթի ինձ։

Ճամփա ընկնելուց առաջ մենք խոհանոց մտանք ու կերանք։ Այմոն սոխով սպագետտի էր պատրաստել ու պահածո մսի կտորներ լցրել վրան։ Նստեցինք սեղանի շուրջը և մառանում մնացած գինիներից երկու շիշ խմեցինք։ Արդեն լրիվ մութ էր, և դեռ անձրև էր գալիս։ Պիանին նստել էր քնատ աչքերով։

― Նահանջն ինձ ավելի է դուր գալիս, քան առաջխաղացումը, ― ասաց Բոննելոն։ ― Նահանջի ժամանակ բարբերա ենք խմում։

― Հիմա ենք խմում։ Իսկ վաղը կարող է անձրևաջուր խմենք, ― ասաց Այմոն։

― Վաղը Ուդինում կլինենք։ Շամպայն ենք խմելու։ Անբաններ են այնտեղ ապրում։ Արթնացիր, Պիանի։ Վաղը Ուդինում շամպայն ենք խմելու։

― Ես արթուն եմ, ― ասաց Պիանին։ Պնակի մեջ սպագետտի ու միս լցրեց։ ― Տոմատի սոուսն է պակաս, Բարտո։

― Չկարողացա ճարել, ― ասաց Այմոն։

― Ուդինում շամպայն ենք խմելու, ― ասաց Բոնելլոն։

Նա բաժակի մեջ կարմիր, թափանցիկ բարբերա լցրեց։

― Կո՞ւշտ եք, tenente, ― հարցրեց Այմոն։

― Իհարկե։ Տվեք շիշը, Բարտոլոմեո։

― Մեքենայում մի֊մի շիշ էլ կա բոլորիս համար, ― ասաց Այմոն։

― Դուք բնավ չե՞ք քնել։

― Չեմ սիրում երկար քնել։ Մի քիչ քնեցի։

― Վաղը թագավորի անկողնում ենք պառկելու, ― ասաց Բոնելլոն։ Տրամադրությունը շատ բարձր էր։

― Ես թագուհու հետ եմ պառկելու, ― ասաց Բոնելլոն։ Նայեց ինձ, որպեսզի տեսնի, թե ինչպես եմ ընդունում նրա կատակները։

― Լռեք, ― ասացի ես։ ― Երկու կաթիլ բան խմեցիք, սանձներդ բաց թողեցիք։

Դրսում սաստիկ անձրև էր գալիս։ Նայեցի ժամացույցին։ Ինն անց կես էր։

― Ժամանակն է, ― ասացի ես ու վեր կացա։

― Ո՞ւմ հետ եք գնալու, tenente, ― հարցրեց Բոնելլոն։

― Այմոյի։ Հետո՝ դուք։ Հետո՝ Պիանին։ Կորմոնսի ճամփով կգնաք։

― Վախենում եմ քունս տանի, ― ասաց Պիանին։

― Լավ, ես ձեզ հետ կգամ։ Հետո՝ Բոնելլոն։ Հետո՝ Այմոն։

― Այ, դա ամենահարմարն է, ― ասաց Պիանին, ― որովհետև քունս շատ է տանում։

― Ես կքշեմ, իսկ դուք մի քիչ կքնեք։

― Ոչ։ Ես կարող եմ քշել՝ քանի դեռ գիտեմ, որ եթե քունս տանի, ինձ կարթնացնեք։

― Կարթնացնեմ։ Լույսը հանգցրեք, Բարտո։

― Թող մնա, ինչո՞վ է խանգարում, ― ասաց Բոնելլոն։ ― Չե՞ք օգնի, որ իջեցնենք, Պիանի։

― Հիմա կբերեմ, ― ասաց Պիանին։ ― Ալդո, գնացինք։

Բոնելլոն ու նա դուրս եկան խոհանոցից։ Լսեցի, թե ինչպես էին բարձրանում աստիճաններով։

― Լավ տեղ էր, ― Բարտոլոմեոն ասաց Այմոյին։

Նա իր զինվորական պարկի մեջ երկու շիշ գինի ու կես գլուխ պանիր դրեց։ ― Էլ այսպիսի քաղաք չենք տեսնի։ Ո՞ւր ենք նահանջում, tenente:

― Ասում են՝ Տալյամենտոյից այն կողմ։ ― Հոսպիտալն ու շտաբը Պորդենոյում են լինելու։

― Սա Պորդենոնից լավ քաղաք է։

― Պորդենոնում չեմ եղել, ― ասացի ես։ ― Միայն անցել եմ։

― Առանձնապես մի բան չէ, ― ասաց Այմոն։

Գլուխ 28

Երբ Գորիցիայից դուրս էինք գալիս, քաղաքն անձրևի տակ մութ էր ու դատարկ, միայն զորասյուներն ու թնդանոթներն էին անցնում գլխավոր փողոցով։ Իսկ բեռնատար մեքենաներն ու սայլակառքերը գնում էին ուրիշ փողոցներով ու միանում խճուղու վրա։ Անցանք աղարանն ու դուրս եկանք խճուղի, որտեղ լայն շարասյունով դանդաղ շարժվում էին զինվորները, բեռնատար մեքենաները, ձիերով լծված սայլակառքերն ու թնադանոթները։ Դանդաղ, բայց առանց դադարի, մենք գնում էինք անձրևի տակ և ռադիատորով գրեթե կպչում էինք թաց բրեզենտով ծածկված ու բեռնավորված մեքենայի ետնամասին։ Հանկարծ բեռնատարը կանգ առավ։ Շարասյունը ևս կանգնեց։ Հետո մեքենան շարժվեց, մենք էլ մի փոքր առաջ անցնաք և նորից կանգ առանք։ Ես իջա խցիկից և, անցնելով բեռնատարների, սայլակառքերի ու ձիերի թաց վզերի արանքներով, առաջ գնացի։ Խցանում էր գոյացել։ Դուրս եկա ճանապարհից, փայտե կամրջակով անցա առուն ու քայլեցի դաշտով։ Փոքր֊ինչ հեռանալուց հետո, ծառերի արանքներից անընդհատ տեսնում էի անձրևի տակ անշարժ կանգնած շարասյունը։ Մոտ մեկ մղոն քայլեցի։ Շարասյունը չէր շարժվում, թեև մեքենաների ետևից երևում էր, թե ինչպես էին զինվորներն առաջ քայլում։ Վերադարձա նույն ճանպարհով։ Գուցե խցանումը հենց Ուդինի մոտ էր գոյացել։ Պիանին քնել էր ղեկի վրա։ Նստեցի կողքին ու ես էլ քնեցի։ Մի քանի ժամ անց լսեցի դիմացի բեռնատարի մոտորի աղմուկը։ Արթնացրի Պիանիին, ու մենք ճամփա ընկանք, մերթ մի քանի յարդ գնալով, մերթ կանգնելով, մերթ նորից շարժվելով։ Անձրև էր գալիս դեռ։

Գիշերը շարասյունը նորից կանգ առավ ու այդպես էլ մնաց։ Իջա ու գնացի Բոնելլոյին ու Այմոյին տեսնելու։ Բոնելլոյի կողքին նստել էին սերժանտի կոչումով երկու ինժեներ։ Երբ մոտեցա, նրանք ձգվեցին։

― Սրանք մնացել են, որ երկու կամուրջ վերանորոգեն, ― ասաց Բոնելլոն։ ― Իսկ հիմա չեն կարողանում իրենց զորամասը գտնել։ Դրա համար էլ թողեցի, որ նստեն։

― Եթե պարոն լեյտենանտը թույլ տա։

― Թույլ եմ տալիս, ― ասացի ես։

― Լեյտենանտն ամերիկացի է, ― ասաց Բոնելլոն։ ― Նա բոլորին էլ թույլ կտա։

Սերժանտներից մեկը ժպտաց։ Մյուսը հարցրեց Բոնելլոյին՝ հյուսիսամերիկյա՞ն, թե՞ հարավամերիկյան իտալացի եմ ես։

― Նա իտալացի չէ։ Հյուսիսային ամերիկայի անգլիացիներից է։

Սերժանտները քաղաքավարությամբ լռեցին, բայց չհավատացին։ Ես նրանց թողեցի ու գնացի Այմոյի մոտ։ Նրա կողքին երկու աղջիկներ էին նստած, իսկ նա, անկյունին հենված, ծխում էր։

― Բարտ, Բարտո, ― ասացի ես։

Նա ծիծաղեց։

― Խոսեք հետները, tenente, ― ասաց նա։ ― Ես նրանց չեմ հասկանում։ Հե՛յ։ ― Նա ձեռքը դրեց աղջիկներից մեկի ազդրին ու բարեկամաբար սեղմեց։ Աղջիկը ավելի ամուր փաթաթեց շալը ու հեռացրեց նրա ձեռքը։ ― Հե՛յ, ― ասաց Այմոն։ ― Tenente, հարցրեք՝ դրա անունն ի՞նչ է և ի՞նչ է անում այստեղ։

Աղջիկը կատաղի հայացքով նայեց ինձ։ Մյուսը խոնարհել էր աչքերը։ Նա, ով ինձ էր նայում, բարբառով ինչ֊որ բան ասաց, բայց ես ոչինչ չհասկացա։ Նա թմփլիկ էր, թուխ, մոտ տասնվեց տարեկան։

― Sorella?,[18] ― հարցրի ես, ցույց տալով մյուս աղջկան։

Նա գլխով արեց ու ժպտաց։

― Դե լավ, ― ասացի ես ու թփթփացրի նրա ծնկին։

Զգացի, թե նա ինչպես կուչ եկավ, երբ կպա նրան։ Քույրը, առաջվա պես խոնարհել էր աչքերը։ Մոտ մի տարով փոքր էր երևում մյուսից։ Այմոն նորից ձեռքը դրեց մեծ քրոջ ազդրին, ու նա հեռացրեց այն։ Այմոն ծիծաղեց։

― Լավ մարդ։ ― Նա ցույց տվեց իրեն։ ― Լավ մարդ։ ― Ցույց տվեց ինձ։ ― Մի վախեցեք։

Աղջիկը կատաղի հայացքով էր նրան նայում։ Նրանք նման էին երկու վայրի թռչունների։

― Ինչո՞ւ նստեց, եթե ինձ չէր հավատում, ― հարցրեց Այմոն։ ― Հենց որ ձեռքով կանչեցի, եկան նստեցին։ ― Նա դարձավ աղջկան։ ― Մի վախենա, ― ասաց նա։ ― Քեզ ոչ ոք․․․ ու մի կոպիտ խոսք ասաց։ ― Տեղ չկա, որ․․․ ― նկատեցի, որ նա միայն այդ բառը հասկացավ և ուրիշ ոչինչ։ Աչքերում խոր վախ կար։ Նա ավելի ամուր փաթաթվեց շալով։ ― Մեքենան լիքն է, ― ասաց Այմոն։ ― Քեզ ոչ ոք․․․ Տեղ էլ չկա որ․․․

Ամեն անգամ, այդ բառը լսելիս, աղջիկը կծկվում էր։ Հետո, այդպես կծկվելով ու շարունակելով նրան նայել, աղջիկը լաց եղավ։ Տեսա, թե ինչպես շրթունքները դողացին, և արցունքները հոսեցին գիրուկ այտերից։ Քույրը, առանց աչքերը բարձրացնելու, բռնեց նրա ձեռքն, ու նրանք այդպես նստեցին։ Մեծ քույրը, որն այդքան կատաղի էր մի քիչ առաջ, հիմա բարձրաձայն հեկեկում էր։

― Երևի վախեցրի, ― ասաց Այմոն։ ― Ես չէի ուզում նրան վախցնել։

Բարտոլոմեոն հանեց իր զինվորական պարկը ու երկու կտոր պանիր կտրեց։

― Վերցրու, ― ասաց նա, ― մի լացիր։

Մեծ քույրը բացասաբար շարժեց գլուխը և շարունակեց արտասվել, բայց փոքրը վերցրեց պանիրն ու սկսեց ուտել։ Քիչ անց երկրորդ կտորը տվեց քրոջը, ու նրանք լուռ կերան։ Մեծ քույրը դեռ մերթ ընդ մերթ հեծկլտում էր։

― Ոչինչ, շուտով կհանգստանա, ― ասաց Այմոն։

Հանկարծ մի միտք հղացավ։

― Կո՞ւյս ես, ― հարցրեց նա իր կողքինին։ Աղջիկը եռանդով գլխով արեց։ ― Դո՞ւ էլ ես կույս, ― Այմոն ցույց տվեց մյուս քրոջը։ Երկուսն էլ գլխով արեցին, ու մեծն ինչ֊որ բան ասաց բարբառով։

― Դե լավ, լավ, ― ասաց Բարտոլոմեոն։ ― Լավ։

Աղջիկները կարծես մի քիչ քաջալերվեցին։

Ես նրանց թողեցի Այոմոյի հետ, որը նստել էր անկյունին հենված, ու վերադարձա Պիանիի մոտ։ Տրանսպորտի շարասյունը անշարժ կանգնած էր, բայց կողքերից անընդհատ զինվորներ էին անցնում։ Դեռ անձրև էր գալիս, ու ես մտածում էի, թե երբեմն երթևեկության խցանման պատճառը երևի այն էր, որ մեքենաների լարերը հաճախ թրջվում էին։ Կամ, ավելի ճիշտ՝ ձիերն ու մարդիկ քնում էին ճանապարհին։ Բայց չէ՞ որ խցանումներ են լինում նաև քաղաքում, ուր բոլորն էլ արթուն են։ Բանն այն է, որ այստեղ պատճառը թե մեկն էր, թե մյուսը։ Այս համակցությունը չէր կարող օգուտ տալ։ Գյուղական սայլերից ընդհանրապես օգուտ չկա։ Սքանչելի էին Բարտոյի աղջիկները։ Նահանջը կույս աղջիկների համար չի ստեղծված։ Իսկական կույս աղջիկներ։ Գուցե նաև շատ կրոնասեր։ Եթե պատերազմ չլիներ, երևի բոլորս էլ հիմա անկողնում պառկած լինեինք։ Գլուխս նորից կդնեմ իմ անկողնուն։ Ամուսնական կյանք։ Փայտե մահճակալի պես կարծր։ Կետրինը հիմա անկողնում է, երկու սավանով, մեկը տակը, մեկը վրան։ Ո՞ր կողքին է արդյոք քնած։ Գուցե չի քնած, գուցե, պառկած իմ մասի՞ն է մտածում։ Փչի՛ր, փչի՛ր, արևմտյան քամի։ Ահա և փչեց, ու ամպերից ոչ թե քիչ, այլ շատ անձրև տեղաց։ Ամբողջ գիշերն անձրև տեղաց։ Դու գիտեիր, որ ամբողջ գիշերն անձրև էր տեղալու։ Տես ինչպե՜ս է թափվում։ Աստված իմ, հիմա բազուկներիս մեջ լիներ սերս, իսկ ես՝ նորից լինեի իմ անկողնում։ Ե՞րբ, ե՞րբ, իմ լավ Կետրին։ Իմ սերը, իմ Կետրինն էլ թող գա անձրևի հետ։ Քամի, բե՛ր իմ Կետրինին։ Եվ ահա մենք էլ ընկանք քամու բերանը։ Բոլոլո՛րն էլ ընկան։ Անձրևը չի՛ մեղմացնի, չի կանգնեցնի նրան։ Բարի գիշեր, Կետրին, բարձրաձայն ասացի ես։ Անուշ քուն մտիր։ Եթե այսպես շատ անհարմար է, մյուս կողմ շրջվիր, սիրելիս, ասացի ես։ Ես քեզ սառը ջուր կբերեմ։ Շուտով կլուսանա, և դու կհանգստանաս մի քիչ։ Վշտանում եմ, որ նա քեզ նեղություն է տալիս։ Փորձիր քնել, իմ լավ Կետրին։

Ես միշտ էլ քնած էի, ասաց նա։ Դու երազի մեջ էիր խոսում։ Չլինի՞ վատ ես զգում։

Դու իսկապե՞ս այստեղ ես։

Իհարկե չեմ հեռանա։ Միշտ այստեղ եմ։ Երբ էլ որ կանչես, ոչ մի նշանակություն չունի մեզ համար։

Դու այնքան լավն ես ու գեղեցիկ։ Գիշերը չես հեռանա ինձանից, այնպես չէ՞։

Իհարկե չեմ հեռանա։ Միշտ այստեղ եմ։ Երբ էլ որ կանչես, ես կգամ։

― Ախ ես քո․․․ ― ասաց Պիանին, ― գնացինք։

― Մի քիչ ննջեցի, ― ասացի ես։ Նայեցի ժամացույցին։ Առավոտվա երեքն էր։ Կռացա նստատեղի մեջքի վրա ու մի շիշ բարբերա վերցրի։

― Երազում խոսում էիք, ― ասաց Պիանին։

― Անգլերեն երազ էի տեսնում, ― ասացի ես։

Անձրևը մեղմացավ, ու մենք առաջ էինք շարժվում։ Լուսադեմին նորից կանգ առանք, իսկ երբ արդեն լրիվ լույս էր, պարզվեց, որ գտնվում էինք մի փոքրիկ բարձրունքի վրա, ու ես տեսա նահանջի ամբողջ ճանապարհը, որը ձգվում էր շատ հեռու, անշարժ մեքենաները, որոնց արանքներից միայն հետևակն էր մաղվում։ Նորից ճամփա ընկանք, բայց առավոտյան լույսի տակ արդեն կարելի էր որոշակի տեսնել, թե ինչ արագությամբ էինք շարժվում, ու ես հասկացա, որ եթե ուզում ենք երբևէ Ուդին հասնել, ապա հարկ կլինի դուրս գալ խճուղուց ու դաշտով գնալ։

Գիշերը միջգյուղյա ճանապարհներից մեծ թվով գյուղացիներ էին խառնվել շարասյանը, և հիմա շարասյան մեջ էին մտել նաև տնային իրերով բեռնավորված սայլերը․ ներքնակների միջև հայելիներ էին ցցված, հավեր և բադեր էին կապված ետևի ճաղերին։ Առջևից գնացող սայլի վրա կարի մի մեքենա կար, որ մնացել էր անձրևի տակ։ Ամեն մարդ փրկում էր իր ամենաթանկարժեք իրերը։ Կանանցից ոմանք նստել էին սայլերի վրա և, անձրևից պաշտպանվելու համար, ծածկել գլուխները, ոմանք էլ քայլում էին, աշխատելով հնարավորին չափ մոտ լինել սայլին։ Շարասյան մեջ շներ էլ կային, որոնք վազում էին սայլերի տակ թաքնված։ Խճուղին ցեխով էր ծածկվել, առուները հեղեղվել էին ջրից, և խճուղին եզրապատած ծառերից այն կողմ երևացող հողը շա՛տ էր թաց ու շա՛տ էր կպչուն, ու հազիվ թե հնարավոր լիներ դաշտի միջով գնալ։ Դուրս եկա մեքենայից, քայլեցի մի քիչ ու մի հարմար տեղ փնտրեցի, որպեսզի կարողանայի շուրջս դիտել ու դաշտամիջյան ճանապարհ գտնել։ Դաշտամիջյան շատ ճամփաներ կային, բայց վախենում էի՝ հանկարծ այնպիսի ճանապարհի վրա ընկնենք, որ ոչ մի տեղ էլ չտանի։ Խճուղով անցնելիս հաճախ էի տեսել այդ ճամփաները, բայց ոչ մեկն էլ չէի հիշում, որովհետև մեքենան արագ էր ընթանում, և բոլոր ճամփաներն էլ նման էին իրար։ Միայն մի բան գիտեի․ անհրաժեշտ էր գտնել մի ճանապարհ, որը մեզ տեղ հասցներ։ Հայտնի չէր, թե որտեղ էին հիմա ավստրիացիները և ընդհանրապես ինչպես էին գործերը, բայց վստահ էի, որ եթե անձրևը դադարեր ու շարասյան վերևում հանկարծ ինքնաթիռներ երևային, ամեն ինչ կորած էր։ Բավական էր, որ թեկուզ մի քանի մեքենա առանց վարորդի մնային կամ մի քանի ձիեր սպանվեին, և ճանապարհը լրիվ կխցանվեր։

Հիմա անձրևն այնքան էլ ուժեղ չէր գալիս, ու ես մտածում էի, թե երկինքը շուտով կբացվի։ Մի քիչ էլ քայլեցի, հասա մինչև ծառերով եզրապատված նեղ ճանապարհը, որ ընկած էր երկու դաշտերի միջև ու տանում էր դեպի հյուսիս։ Որոշեցի, որ հենց այդ ճամփով էլ կգնանք և արագ վերադարձա։ Ասացի Պիանիին, թե որտեղից պետք է շրջվել, հետո գնացի Բոնելլային ու Այմոյին զգուշացնելու։

― Եթե այս ճամփան մեզ ոչ մի տեղ չտանի, կարող ենք վերադառնալ և նորից միանալ շարասյանը, ― ասացի ես։

― Իսկ սրա՞նց ինչ անեմ, ― հարցեց Բոնելլոն։

Սերժանտները դեռ նստած էին կողքին։ Չէին սափրված, բայց նույնիսկ այդ վաղ ժամին զինվորական տեսք ունեին։

― Պետք կգան մեքենան հրելու համար, ― ասացի ես։

Մոտեցա Այմոյին և ասացի, որ փորձելու ենք դաշտամիջյան ճանապարհով գնալ։

― Իսկ իմ կույսերի ընտանի՞քը, ― հարցրեց Այմոն։

Աղջիկնեը քնած էին։

― Նրանցից օգուտ չկա, ― ասացի ես։ ― Պետք է այնպիսի մարդկանց վերցրած լինեիք, որ կարողանային մեքենա հրել։

― Թող թափքում նստեն, ― ասաց Այմոն։ ― Թափքում տեղ կա։

― Դե լավ, ինչպես ուզում եք, ― ասացի ես։ ― Բայց լայնաթիկունք մի մարդու ճարեք, որ հրի մեքենան։

― Բերսալյեր չվերցնե՞մ, ― ժպտաց Այմոն։ ― Նրանք են ամենալայնաթիկունքները։ Նախօրոք չափում են նրանց ուսերը։ Ինչպե՞ս եք, tenente։

― Լավ։ Իսկ դո՞ւք։

― Ես էլ լավ եմ։ Բայց շատ քաղցած եմ։

― Եթե ճամփին մի տեղ հասնենք, կիջնենք կուտենք։

― Ինչպե՞ս է ձեր ոտքը, tenente․

― Լավ է, ― ասացի ես։

Ոտնակին կանգնած, նայում էի առաջ ու տեսնում, թե ինչպես Պիանիի մեքենան անջատվեց շարասյունից ու շրջվեց դեպի դաշտամիջյան նեղ ճանապարհը ու սկսեց երբեմն երևալ մերկ ճյուղերի արանքից։ Բոնելլոն ևս հետևեց նրան, հետո նաև՝ Այմոն, ու հիմա մենք գնում էինք երկու կողմից ցանկապատված դաշտամիջյան նեղ ճանապարհով, սանիտարական մյուս մեքենաների ետևից։ Ճանապարհը տանում էր դեպի ագարակ։ Պիանիիի ու Բոնելլոյի մեքենաներն արդեն ագարակի բակում էին։ Ցածրիկ, երկարավուն մի տուն, դռան առջև՝ խաղողի վանդակահյուսք։ Բակում ջրհոր կար, և Պիանին ջուր էր վերցնում ռադիատորի համար։ Ջուրը երկար ճանապարհից ու դանդաղ ընթացքից եռացել էր։ Ագարակը լքված էր։ Ետ նայեցի։ Ագարակը գտնվում էր բարձրունքի վրա և այնտեղից երևում էր ամբողջ շրջապատը, և մենք տեսանք ճանապարհը, ցանկապատները, դաշտերը և խճուղին եզրապատած ծառերը, որոնց մեջտեղով գնում էր նահանջող շարասյունը։ Սերժանտները պրպտում էին տունը, ջրհորը, տան առջև կանգնած երեք վարորդներին։ Սերժանտներից մեկը, պատի մի ժամացույց բռնած, դուրս եկավ տնից։

― Ետ տարեք, ― ասացի ես։

Նա նայեց ինձ, տուն մտավ ու վերադարձավ առանց ժամացույցի։

― Որտե՞ղ է ձեր ընկերը, ― հարցրի ես։

― Զուգարան գնաց։

Նա նստեց մեքենայի խցիկը։ Վախենում էր, որ իրեն չենք տանի մեզ հետ։

― Չնախաճաշե՞նք, tenente, ― հարցրեց Բոնելլոն։ ― Գուցե մի բան ուտենք։ Երկար չի տևի։

― Ի՞նչ եք կարծում, այս ճանապարհը մեզ որևէ տեղ կհասցնի՞։

― Անպայման։

― Դե լավ։ Եկեք ուտենք։

Պիանին և Բոնելլոն տուն մտան։

― Գնանք, ― Այմոն ասաց աղջիկներին։

Նա մեկնեց ձեռքը, որպեսզի օգնի նրանց։ Մեծ քույրը բացասաբար շարժեց գլուխը։ Նրանք չեն մտնի այս դատարկ և լքված տունը։ Հիմա երկուսն էլ նայում էին մեր ետևից։

― Այ թե համար են, հա՜, ― ասաց Այմոն։

Ներս մտանք։ Մութ, ընդարձակ տուն էր և ինչ֊որ լքվածություն էր զգացվում։ Բոնելլոն և Պիանին խոհանոցում էին։

― Առանձնապես բան չկա ուտելու, ― ասաց Պիանին։ ― Ամեն ինչ մաքրել, տարել են։

Բոնելլոն խոհանոցի սեղանի վրա սպիտակ պանիր էր կտրատում։ ― Որտեղի՞ց գտաք պանիրը։

― Մառանից։ Պիանին գինի ու խնձոր գտավ։

― Դե, ուրեմն, կարգին նախաճաշ ունենք։

Պիանին հանեց ծղոտապատ մեծ շշի խցանը։ Թեքեց շիշը ու լցրեց պնձյա շերեփը։

― Լավ հոտ ունի, ― ասաց նա։ ― Բաժակներ ճարիր, Բարտո։

Ներս մտան երկու սերժանտները։

― Պանիր վերցրեք, սերժանտներ, ― ասաց Բոնելլոն։

― Գնալու ժամանակն է, ― ասաց նրանցից մեկը, ուտելով պանիրն ու մի բաժակ գինի խմելով։

― Կգնանք։ Մի անհանգստացեք, ― ասաց Բոնելլոն։

― Բանակի փորը նրա ոտքերն են, ― ասացի ես։

― Ի՞նչ, ― հարցրեց սերժանտը։

― Ուտել է պետք։

― Այո։ Բայց թանկ է ժամանակը։

― Այս սրիկաները երևի արդեն կերել են, ― ասաց Պիանին։

Սերժանտները նայեցին նրան։ Նրանք ատում էին մեզ։

― Ճանապարհը գիտե՞ք, ― նրանցից մեկը հարցրեց ինձ։

― Ոչ, ― ասացի ես։

Նրանք իրար նայեցին։

― Ավելի լավ է հենց հիմա շարժվենք, ― ասաց առաջինը։

― Հիմա կշարժվենք, ― ասացի ես։

Մի բաժակ էլ կարմիր գինի խմեցի։ Պանրից ու խնձորից հետո գինին շատ համեղ թվաց։

― Վերցրեք պանիրը,― ասացի ես ու դուրս եկա։

Բոնելլոն, գինու շիշը ձեռքին, հետևեց ինձ։

― Շատ մեծ շիշ է, ― ասացի ես։

Նա ափսոսանքով ինձ նայեց։

― Ճիշտ է, ― ասաց նա։ ― Տափաշշերը տվեք։

Լցրեց տափաշշերը, ու քարե հատակին մի քիչ գինի թափվեց։ Նա վերցրեց շիշը ու դրեց հենց դռան առջև։

― Ավստիրացիները դուռը չեն ջարդի գինի գտնելու համար, ― ասաց նա։

― Պետք է ճամփա ընկնել, ― ասացի ես։ ― Ես ու Պիանին առջևից կգնանք։

Սերժանտներն արդեն նստել էին Բոնելլոյի կողքին։ Աղջիկները խնձոր ու պանիր էին ուտում։ Այմոն ծխում էր։ Նեղ ճանապարհով առաջ շարժվեցինք։ Նայեցի մյուս երկու մեքենաներին ու ագարակին։ Տունը գեղեցիկ էր, ցածրիկ և ամուր։ Ջրհորի երկաթե ճաղերը ևս շատ գեղեցիկ էին։ Առջևում նեղ ու ցեխոտ մի ճանապարհ էր, երկու կողմերին՝ բարձր ցանկապատներ։ Ետևից, պոչ֊պոչի կպած, գալիս էին մեր մեքենաները։

Գլուխ 29

Կեսօրին, մեր հաշվով՝ Ուդինից տասը կիլոմետր հեռու, մեքենան ցեխի մեջ խրվեց։ Անձրևն առավոտից արդեն դադարել էր, ու մենք երեք անգամ լսել էինք մոտեցող ինքնաթիռների աղմուկը, տեսել, թե ինչպես էին թռչում գլխավերևում, հետևել, թե ինչպես էին հեռանում դեպի ձախ ու լսել խճուղու վրա թափվող ռումբերի դղրդյունը։ Մենք խճճվել էինք դաշտամիջյան ճամփաների ցանցում և հաճախ էինք հայտնվել այնպիսի ճանապարհների վրա, որոնք փակուղի էին տանում, սակայն մենք միշտ վերադառնում էինք, ուրիշ ճամփա փնտրում և այդպես հետզհետե մոտեցանք Ուդինին։ Բայց հիմա Այմոյի մեքենան, փակուղուց ետընթաց շարժում կատարելիս, խրվել էր փխրուն հողի մեջ, և անիվները, անընդհատ տեղապտույտ տալով, ավելի ու ավելի խորն էին թաղվում ցեխի մեջ, մինչև որ մեքենայի դիֆերենցիալը կպավ հողին։ Հիմա անհրաժեշտ էր առջևից փորել անիվների տակ, ճյուղեր լցնել, մինչև որ մեքենան ճանապարհ դուրս գար։ Մենք կանգնել էինք մեքենայի շուրջը։ Սերժանտները մոտեցան ու զննեցին անիվները։ Հետո շուռ եկան ու, առանց որևէ բառ ասելու, քայլեցին ճանապարհով։ Ես գնացի նրանց ետևից։

― Հե՛յ, ― ասացի ես։ ― Ճյուղեր հավաքեք։

― Մենք պետք է գնանք, ― ասաց նրանցից մեկը։

― Գործ արեք, շո՛ւտ, ― ասացի ես։ ― Ճյուղեր հավաքեք։

― Մենք պետք է գնանք, ― ասաց նրանցից մեկը։

Մյուսը լուռ էր։ Նրանք շտապում էին հեռանալ։ Չէին նայում ինձ։

― Հրամայում եմ վերադառնալ և ճյուղեր հավաքել,― ասացի ես։

Սերժանտներից մեկը շուռ եկավ։

― Մենք պետք է գնանք։ Մի ժամից կփակվի ձեր ճանապարհը։ Դուք իրավունք չունեք մեզ հրամայելու։ Դուք մեր սպան չեք։

― Հրամայում եմ ճյուղեր հավաքել, ― ասացի ես։

Նրանք շուռ եկան ու շարունակեցին ճանապարհը։

― Կանգնե՛լ, ― ասացի ես։ Նրանք շարունակում էին քայլել ցեխոտ ու երկու կողմից ցանկապատված ճանապարհով։ ― Ասացի կանգնե՛լ, ― գոռացի ես։

Նրանք ավելի արագացրին քայլերը։ Բաց արի պատյանը, հանեցի ատրճանակս, նշան առա նրան, ով ամենից շատ էր խոսում ու կրակեցի։ Վրիպեցի, և նրանք սկսեցին վազել։ Երեք անգամ էլ կրակեցի, ու նրանցից մեկն ընկավ։ Մյուսն անցավ ցանկապատի միջով ու անհետացավ։ Երբ սկսեց վազել դաշտում, ցանկապատի արանքից կրակեցի վրան։ Ատրճանակը չբացվեց, ու ես նոր պահունակ դրեցի։ Տեսա, որ երկրորդ սերժանտը շատ է հեռացել, և կրակելն այլևս իմաստ չուներ։ Նա դաշտի հեռավոր ծայրին էր, ու գլուխը կախած, վազում էր անընդհատ։ Հանեցի դատարկ պահունակը։ Մոտեցավ Բոնելլոն։

― Թողեք վերջ տամ սրան, ― ասաց նա։

Տվեցի ատրճանակը, ու նա գնաց դեպի այն կողմը, ուր ճանապարհի մեջտեղում, երեսնիվայր ընկած էր սերժանտի կոչումով ինժեները։ Բոնելլոն կռացավ, փողն ուղղեց նրա գլխին ու սեղմեց շնիկը։ Ատրճանակը չկրակեց։

― Փականակը քաշեք, ― ասացի ես։

Նա քաշեց փականակը ու երկու անգամ կրակեց։ Բռնեց սերժանտի ոտքից և քարշ տվեց մինչև ճանապարհի եզրը, այնպես որ հիմա նա պառկած է ցանկապատի մոտ։ Բոնելլոն վերադարձավ ու տվեց ատրճանակը։

― Շան որդի, ― ասաց նա, նայելով սերժանտին։ ― Տեսա՞ք ինչպես կրակեցի։

― Պետք է շտապ ճյուղեր հավաքել, ― ասացի ես։ ― Ինչ եք կարծում, չկպա՞ մյուսին։

― Հազիվ թե, ― ասաց Այմոն։ ― Ատրճանակն այդքան հեռվից չի կպչի։

― Տակա՛նք, ― ասաց Պիանին։

Բոլորս էլ շիվեր ու ճյուղեր էինք կտրատում։ Մեքենաները բեռնաթափեցինք։ Բոնելլոն փորում էր անիվների առաջը։ Երբ ամեն ինչ արդեն պատրաստ էր, Այմոն աշխատեցրեց շարժիչը ու միացրեց հաղորդակը։ Անիվներն սկսեցին պտտվել և չորս կողմը ցեխ ու ճյուղ շաղ տալ։ Բոնելլոն ու ես այնքան ժամանակ հրեցինք, մինչև որ զգացինք, թե ինչպես են մեր հոդերը ճթճթում։ Բայց մեքենան տեղից չէր շարժվում։

― Ետ ու առաջ տանենք, Բարտո, ― ասացի ես։

Նա մեկ ետընթաց շարժում էր կատարում, մեկ՝ առաջընթաց։ Անիվներն էլ ավելի խրվեցին ցեխի մեջ։ Հետո դիֆերենցիալը նորից կպավ հողին, ու անիվներն սկսեցին տեղապտույտ տալ իրենց փորած փոսերի մեջ։ Ուղղեցի մարմինս։

― Պարանով փորձենք, ― ասացի ես։

― Դժվար թե օգնի, tenente: Չենք կարողանա մի շարքի վրա կանգնել։

― Պետք է փորձենք, ― ասացի ես։ ― Ուիրշ կերպ չի լինի։

Պիանիի ու Բոնելլոյի մեքենաները միայն նեղ ճանապարհի երկայնով կարող էին մի շարքի վրա կանգնել։ Մեքենաները կապեցինք իրար ու սկսեցինք քաշել։ Անիվները պտտվեցին անվակոսների մեջ։

― Բան դուրս չի գա, ― գոռացի ես։ ― Դադարեցրեք։

Պիանին և Բոնելլոն իջան մեքենաներից ու վերադարձան մեզ մոտ։ Այմոն էլ իջավ։ Աղջիկները նստել էին մի քարի վրա, մեզնից քսան յարդ հեռու։

― Ի՞նչ անենք, tenente, ― հարցրեց Բոնելլոն։

― Փորենք ու էլի ճյուղերով փորձենք, ― ասացի ես։

Նայեցի ճանապարհին։ Ես էի մեղավոր։ Ես էի նրանց այստեղ բերել։ Արևն արդեն գրեթե լրիվ դուրս էր եկել ամպերի միջից, ու սերժանտի մարմինն ընկած էր ցանկապատի մոտ։

― Բաճկոնն ու թիկնոցը տակը փռենք, ― ասացի ես։

Բոնելլոն գնաց դեպի ցանկապատը։ Ես ճյուղեր էի կոտրում, իսկ Պիանին ու Այմոն փորում էին անիվների առջևում ու մեջտեղում։ Ես պատռեցի անձրևաթիկնոցս, կիսեցի և դրեցի անիվների տակ, ցեխի մեջ, հետո թափեցի ճյուղերը։ Մենք արդեն պատրաստ էինք, Այմոն նստեց մեքենան ու միացրեց շարժիչը։ Անիվները տեղապտույտ էին տալիս, իսկ մենք անընդհատ հրում էինք։ Բայց ապարդյուն։

― Վերջ, ― ասացի ես։ ― Բարտո, կարևոր բան կա՞ մեքենայում։

Այմոն մտավ Բոնելլոյի մեքենան, վերցրեց պանիրը, երկու շիշ գինին ու իր գլխարկը։ Բոնելլոն ղեկի մոտ նստած, սերժանտի բաճկոնի գրպաններն էր ստուգում։

― Դեն գցեք, ― ասացի ես։ ― Իսկ Բարթոյի կույսերի հե՞տ ինչպես վարվենք։

― Թող թափքի մեջ նստեն, ― ասաց Պիանին։ Դժվար թե շատ հեռու գնանք։

Բաց արի թափքի դուռը։

― Նստեք, ― ասացի ես։ ― Ներս մտեք։

Աղջիկները մտան ու նստեցին անկյունում։ Կարծես չէին լսել կրակոցի ձայները։ Ետ նայեցի։ Սերժանտը, երկարաթև ու կեղտոտ ներքնազգեստով, ընկած էր ճանապարհին։ Նստեցի Պիանիի կողքին, ու մենք շարժվեցինք։ Ուզում էինք կտրել անցնել դաշտը։ Երբ մեքենաները դաշտ դուրս եկան, ես իջա ու մի քիչ քայլեցի։ Եթե կարողանայինք դաշտն անցնել, կհասնեինք հեռվից երևացող ճանապարհին։ Բայց չկարողացանք։ Հողը ցեխոտ էր ու փխրուն։ Երբ մեքենաներն անհուսալի կերպով ու վերջնականապես խրվեցին և անիվներն էլ կիսով չափ թաղվեցին ցեխի մեջ, մենք դրանք դաշտում թողեցինք ու քայլեցինք դեպի Ուդին։

Երբ դուրս եկանք գլխավոր խճուղի տանող ճանապարհը, կանչեցի աղջիկներին ու ցույց տվի այդ կողմը։

― Գնացեք, ― ասացի ես։ ― Այնտեղ էլ մարդիկ կան։

Նրանք նայեցին ինձ։ Հանեցի դրամապանակս ու տասական լիրա տվեցի ամեն մեկին։

― Գնացեք, ― ասացի ես ցույց տալով մատով։ ― Այնտեղ ձեր ընկերներն են։ Ձեր հարազատները։

Նրանք չհասկացան, բայց, փողերն ամուր պահած, գնացին։ Հետո շուռ եկան ու նայեցին, կարծես վախենալով, որ կարող եմ ետ վերցնել փողերը։ Ես հետևում էի, թե ինչպես շալերի մեջ ամուր փաթաթված, քայլում էին նրանք ու վախեցած մեզ նայում։ Երեք վարորդները ծիծաղում էին։

― Tenente, ինչքա՞ն կտաք, եթե ես էլ այն կողմ գնամ, ― հարցրեց Բոնելլոն։

― Եթե փորձանք էլ պատահի, ավելի լավ է մարդկանց մեջ լինեն, քան թե մենակ։

― Երկու հարյուր լիրա տվեք, ու ես կվերադառնամ թեկուզ մինչև Ավստրիա, ― ասաց Բոնելլոն։

― Ավստրիայում ձեռքիցդ կվերցնենք, ― ասաց Պիանին։

― Գուցե պատերազմը վերջանա, ― ասաց Այմոն։

Հնարավորին չափ արագ էինք քայլում։ Արևը երբեմն դուրս էր գալիս ամպերի միջից։ Ճանապարհի կողքերին թթենիներ կային։ Ծառերի արանքներից տեսնում էի մեր մեքենաները, որոնք, կահույքի երկու մեծ ֆուրգոնների պես, ցցվել էին դաշտի մեջտեղում։ Պիանին ևս այդ կողմ նայեց։

― Պետք է նոր ճանապարհ սարքեն, որպեսզի դուրս բերեն մեքենաները։

― Գրողը տանի, գոնե հեծանիվ լիներ, ― ասաց Բոնելլոն։

― Ամերիկայում հեծանիվ քշո՞ւմ են, ― հարցրեց Այմոն։

― Առաջ քշում էին։

― Լավ բան է հեծանիվը, ― ասաց Այմոն։ ― Հիանալի բան է։

― Է՜, գրողը տանի, գոնե հեծանիվ լիներ, ― ասաց Բոնելլոն։ ― Ես ինչ քայլող եմ, որ․․․

― Կրակո՞ւմ են, ինչ է, ― հարցրի ես։

― Ինձ թվաց, թե կրակոցի ձայներ եմ լսում հեռվից։

― Չգիտեմ, ― ասաց Այմոն ու ականջ դրեց։

― Կարծես թե, ― ասացի ես։

― Ամենից առաջ հեծելազորը կտեսնենք, ― ասաց Պիանին։

― Ինչքան գիտեմ, նրանք հեծելազոր չունեն։

― Աստված տա չունենան, ― ասաց Բոնելլոն։ ― Չեմ ուզում, որ ինչ֊որ հեծյալ նիզակով ինձ խոցի։

― Լավ կրակեցիք սերժանտի վրա, tenente, ― ասաց Պիանին։

Մենք շատ արագ էինք քայլում։

― Ես սպանեցի նրան, ― ասաց Բոնելլոն։ ― Ես այս պատերազմում դեռ ոչ ոքի չէի սպանել, և ամբողջ կյանքում երազել էի հենց սերժանտ սպանել։

― Թառի վրա սպանեցիր հավը, ― ասաց Պիանին։ ― Այնքան էլ արագ չէր թռչում, երբ կրակեցիր։

― Ոչինչ։ Հիմա ես դա միշտ կհիշեմ։ Ես սպանեցի այդ․․․ սերժանտին։

― Իսկ խոստովանանքի ժամանակ ի՞նչ ես ասելու, ― հարցրեց Այմոն։

― Կասեմ՝ օրհնեցեք ինձ, հայր սուրբ, ես սերժանտ եմ սպանել։

Բոլորն էլ ծիծաղեցին։

― Նա անարխիստ է, ― ասաց Պիանին։ ― Եկեղեցի չի գնում։

― Դուք իսկապե՞ս անարխիստներ եք, ― ասացի ես։

― Ոչ, tenente, ― մենք սոցիալիստ ենք։ Բոլորս էլ իմոլացի ենք։

― Չե՞ք եղել այնտեղ։

― Ոչ։

― Գրողը տանի, հիանալի տեղ է, tenente։ Պատերազմից հետո մեզ մոտ եկեք, տեսնելու շատ բան կա։

― Եվ բոլո՞րն են այնտեղ սոցիալիստ։

― Այո, բոլորը։

― Գեղեցի՞կ քաղաք է։

― Սքանչելի։ Այդպիսի քաղաք չեք տեսել։

― Իսկ ինչպե՞ս եք սոցիալիստ դարձել։

― Բոլորս էլ սոցիալիստ ենք։ Այնտեղ բոլորն են սոցիալիստ։ Եվ միշտ էլ սոցիալիստ են եղել։

― Մեզ մոտ եկեք, tenente: Մենք ձեզ սոցիալիստ կդարձնենք։

Ճանապարհը ձախ էր թեքվում և, պարսպապատ այգու կողքով, բարձրանում դեպի ցածրիկ բլուրը։ Իսկ երբ լեռնային ճանապարհ հասանք, նրանք լռեցին։ Չորսս էլ միասին էինք քայլում ու շտապում։

Գլուխ 30

Ավելի ուշ մենք դուրս եկանք դեպի գետը տանող ճանապարհը։ Լքված բեռնատարների ու սայլակառքերի երկար շարանը ձգվում էր մինչև կամուրջը։ Ոչ ոք չկար։ Գետի ջուրը բարձրացել էր, և ռումբն ավերել էր կամրջի մեջտեղը։ Կամարն ընկել էր գետը և սուզվել ջրի մեջ։ Մենք քայլում էինք ափի երկայնքով ու անցնելու տեղ փնտրում։ Գիտեի, որ քիչ հեռու երկաթուղային մի կամուրջ կար ու մտածում էի, որ գուցե հնարավոր լինի այդտեղից անցնել։ Արահետը թաց էր ու ցեխոտ։ Ոչ մի զինվոր չէր երևում, միայն՝ լքված գույքեր և ավտոմեքենաներ։ Ափի մոտ ևս ոչ ոք և ոչինչ չկար, բացի թաց մացառուտներից ու ցեխոտ հողից։ Երկար քայլեցինք գետի ափով․ ու վերջապես տեսանք երկաթուղային կամուրջը։

― Ինչ գեղեցիկ կամուրջ է, ― ասաց Այմոն։

Դա երկաթից կառուցված մի երկարավուն կամուրջ էր գետի վրա, որը սովորաբար ցամաքում էր մինչև հատակը։

― Քանի չեն պայթեցրել, եկեք շուտ անցնենք, ― ասացի ես։

― Մարդ չկա, որ պայթեցնի, ― ասաց Պիանոն։ ― Բոլորը գնացել են։

― Երևի ականապատված է, ― ասաց Բոնելլոն։ ― Առաջ դուք գնացեք, tenente։

― Լսո՞ւմ եք այս անարխիստին, ― ասաց Այմոն։ ― Ստիպեք թող ինքն առաջինը գնա։

― Ե՛ս կգնամ, ― ասացի ես։ ― Դժվար թե այնպես ականապատված լինի, որ մի հոգու քայլերից պայթի։

― Տեսնո՞ւմ ես, ― ասաց Պիանին։ ― Այ թե ինչ է նշանակում խելք։ Իսկ դու ինչո՞ւ խելք չունես, անարխիստ։

― Խելք որ ունենայի, հիմա ուրիշ տեղ կլինեի, ― ասաց Բոնելլոն։

― Լավ ասաց չէ՞, tenente, ― հարցրեց Այմոն։

Արդեն կամրջի մոտ էինք։ Երկինքը նորից ամպել էր ու անձրև էր կաթկթում։ Կամուրջը շատ երկար ու շատ հաստատուն էր թվում։ Մագլցելով բարձրացանք հողաթումբը։

― Մեկ֊մեկ անցնենք, ― ասացի ես ու սկսեցի քայլել կամրջով։ Ուշադիր նայում էի կոճափայտերին ու ռելսերին և լարեր կամ ականապատման հետքեր փնտրում, բայց ոչինչ չնկատեցի։ Կոճափայտերի արանքներից կարելի էր տեսնել արագահոս ու պղտոր գետը։ Հեռվում, թաց դաշտերից այն կողմ, անձրևի տակ, երևում էր Ուդինը։ Անցա կամուրջը ու ետ նայեցի։ Քիչ այն կողմ ևս մի կամուրջ կար։ Դեղնագույն, ցեխոտ մարդատար մի ավտոմեքենա անցավ այդ կամրջով։ Բազիրքները բարձր էին, ու ավտոմեքենան անմիջապես կորավ տեսողությունից։ Երևում էին վարորդի, նրա կողքին նստած մարդու ու ետևում տեղավորված երկու հոգու գլուխները։ Բոլորն էլ՝ գերմանական սաղավարտներով։ Մեքենան ափ հասավ ու անհետացավ ծառերի ու լքված բեռնատարների ետևում։ Ես ձեռքով նշան արի Այմոյին, որը քայլում էր կամրջով, ու հասկացրի նրան ինչպես նաև՝ մյուսներին, որ շտապեն։ Ես իջա ներքև ու նստեցի երկաթուղային հողաթմբի տակ։ Այմոն ևս հետևեց ինձ։

― Տեսա՞ք մեքենան, ― հարցրի ես։

― Ոչ։ Մենք ձեզ էինք նայում։

― Գերմանական շտաբի մեքենան անցավ վերևի կամրջից։

― Շտաբի մեքենա՞ն։

― Այո։

― Հիսո՜ւս Քրիստոս։

Մյուսներն էլ եկան ու նստեցին ցեխոտ հողաթմբի տակ, որտեղից երևում էին ծառերի շարքը, առուն ու ճանապարհը։

― Կարծում եք, կտրվա՞ծ է ճանապարհը, tenente։

― Չգիտեմ։ Միայն գիտեմ, որ այս ճանապարհով գերմանական շտաբի մեքենան անցավ։

― Դուք լրի՞վ առողջ եք, ― tenente: Ձեր գլուխը չի՞ պտտվում։

― Մի սրամտեք, Բոնելլո։

― Չխմե՞նք, ― հարցրեց Պիանին։ ― Եթե մեր ճանապարհն իսկապես կտրված է, գոնե խմենք մի քիչ։

Նա գոտու վրայից հանեց տափաշիշը ու բացեց խցանը։

― Տեսեք, տեսեք, ― ասաց Այմոն և ցույց տվեց դեպի ճանապարհը։

Գերմանական սաղավարտներ էին շարժվում կամրջի բազիրքի վրայից։ Թեքված էին առաջ և շարժվում էին շատ սահուն, գրեթե անբնական արագությամբ։ Երբ ափ հասան, տեսանք սաղավարտ հագած զինվորների։ Հեծանվորդների վաշտ էր։ Տեսա առաջին երկուսին։ Առողջ էին ու կարմրաթուշ։ Սաղավարտներն իջել էին ճակատների վրա ու ծածկել դեմքերի մի մասը։ Կարաբինները կախված էին հեծանիվների շրջանակներից։ Նռնակները կախված էին գոտիներից։ Սաղավարտներն ու մոխրագույն համազգեստները թաց էին, և նրանք գնում էին անշտապ, չորս կողմը նայելով։ Առջևից երկու հոգի էին գնում, հետո՝ չորս, հետո՝ էլի երկու, հետո՝ միանգամից տասը կամ տասներկու, հետո՝ էլի տասներկու, հետո՝ միայն մեկը։ Չէին խոսում, բայց եթե խոսեին էլ, գետի աղմուկը թույլ չէր տա լսել։ Ճանապարհին անհետացան տեսողությունից։

― Հիսո՜ս Քրիստոս, ― ասաց Այմոն։

― Գերմանացիներ էին, ― ասաց Պիանին, ավստրիացիներ չէին։ ― Ինչու ոչ ոք չի կանգնեցնում նրանց, ― ասացի ես։ ― Ինչո՞ւ չեն պայթեցրել կամուրջը։ Ինչո՞ւ հողաթմբերի վրա գնդացիրներ չկան։

― Մե՞զ եք ասում, tenente, ― ասաց Բոնելլոն։

Ես անչափ զայրացել էի։

― Խելքները թռցրել են։ Ներքևում մի փոքրիկ կամուրջ են պայթեցնում։ Իսկ գլխավոր խճուղու կամուրջը թողնում են։ Ո՞ւր են կորել։ Ինչ է, ոչ ոք չի՞ փորձելու նրանց կանգնեցնել։

― Մե՞զ եք ասում, tenente, ― կրկնեց Բոնելլոն։

Ես լռեցի։ Դա ինձ չէր վերաբերում։ Իմ միակ գործն էր՝ երեք սանիտարական մեքենաները Պորդենոնե հասցնել։ Սակայն այդ էլ չհաջողվեց։ Իսկ հիմա իմ միակ գործն էր Պորդենոնե հասնել։ Բայց, հավանաբար, նույնիսկ Ուդին չէի կարողանա հասնել։ Գրողի ծոցը, թող չկարողանամ։ Պետք է պարզապես հանգիստ լինել, կրակի տակ չընկնել կամ գերի չբռնվել։

― Կարծեմ տափաշիշը բացեցիք, չէ՞, ― հարցրի Պիանիին։ Նա տափաշիշը մեկնեց ինձ։ Ես բավական խմեցի։ ― Կարող ենք գնալ, ― ասացի ես։ ― Թեև շտապելու բան չունենք։ Ուզո՞ւմ եք ուտել։

― Հարմար տեղ չէ, ― ասաց Բոնելլոն։

― Դե լավ, գնացինք։

― Այս կողմով չգնա՞նք։ Աչքից հեռու կլինենք։

― Ավելի լավ է՝ վերևով։ Նրանք այս կամրջով էլ կարող են անցնել։ Ավելի վատ, եթե հանկարծ մեր գլխավերևում հայտնվեն, ու մենք չնկատենք նրանց։

Սկսեցինք քայլել ռելսերի վրայով։ Մեր երկու կողմերում ձգվում էր թաց հարթավայրը։ Հարթավայրից այն կողմ երևում էր Ուդինի բլուրը։ Տանիքները ետ էին քաշվել ու ճամփա տվել ամրոցին։ Երևում էին զանգակատունն ու աշտարակի ժամացույցը։ Դաշտում շատ թթենիներ կային։ Հեռվում, ինչ֊որ տեղ, ռելսերը մասնատված էին։ Կոճափայտերը ևս հանել ու գցել էին հողաթմբի տակ։

― Ներքև՛, ներքև՛, ― ասաց Այմոն։

Մենք վազեցինք ու թաքնվեցինք հողաթմբի տակ։ Հեծանվորդների մի ուրիշ խումբ էր անցնում ճանապարհով։ Նայեցի հողաթմբի ծայրից ու տեսա նրանց։

― Նրանք տեսան մեզ, բայց կանգ չառան, ― ասաց Այմոն։

― Մեզ կսպանեն այստեղ, tenente, ― ասաց Բոնելլոն։

― Մենք չենք հետաքրքրում նրանց, ― ասացի ես։ ― Նրանք ինչ֊որ ուրիշ մարդկանց են հետապնդում։ Մեզ համար ավելի վտանգավոր է, եթե հանկարծ դեմ առ դեմ հանդիպենք։

― Ես կնախընտրեի այստեղով գնալ, աչքից հեռու, ― ասաց Բոնելլոն։

― Լավ, գնացեք։ Իսկ մենք ռելսերով կքայլենք։

― Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞նք անցնել, ― հարցրեց Այմոն։

― Անպայման։ Նրանք այնքան էլ շատ չեն։ Գիշերը մի կերպ կանցնենք։

― Շտաբի մեքենան ի՞նչ գործ ուներ այստեղ։

― Աստված գիտե, ― ասացի ես։

Մենք գնում էինք ռելսերի վրայով։ Բոնելլոն հոգնեց ցեխերի միջով քայլելուց ու միացավ մեզ։ Երկաթուղային գիծը հիմա թեքվում էր դեպի հարավ ու հեռանում խճուղուց, և մենք չէինք կարող տեսնել, թե ինչ էր կատարվում ճանապարհին։ Ջրանցքի կամուրջը պայթեցված էր, բայց մենք անցանք ցցագերանների վրայով։ Հեռվից կրակոցի ձայներ էին լսվում։

Ջրանցքն անցնելուց հետո նորից դուրս եկանք երկաթուղագիծ, որը դաշտերի միջով ուղիղ տանում էր դեպի քաղաք։ Առջևում երևում էր մի ուրիշ երկաթուղագիծ։ Հյուսիսում այն խճուղին էր, որտեղ հեծանվորդներին տեսանք։ Հարավում ճյուղավորվում էր մի փոքրիկ ճանապարհ, որի երկու եզրերին խիտ ծառեր կային։ Մտածում էի, որ ավելի լավ է հարավով գնալ և, քաղաքը շրջանցելով, դաշտերի միջով հասնել Կամպոֆորմիո և Տալյամենտոյի խճուղին։ Մենք կարող էինք խույս տալ նահանջի գլխավոր ճանապարհից և Ուդինից այն կողմ ընտրել երկրորդական ճամփաներ։ Գիտեի, որ հարթավայրի միջով բազմաթիվ միջգյուղա ճանապարհներ էին անցնում։ Սկսեցի իջնել հողաթմբից։

― Գնանք, ― ասացի ես։

Որոշեցի դուրս գալ միջգյուղա ճանապարհը և հարավային կողմից շրջանցել քաղաքը։ Բոլորս էլ իջնում էինք հողաթմբից։ Ճանապարհից կրակեցին մեզ վրա։ Փամփուշտը խրվեց հողաթմբի ցեխերի մեջ։

― Ետ դարձեք, ― ասացի ես։

Սայթաքելով սկսեցի բարձրանալ հողաթումբը։ Վարորդներն առջևում էին։ Հնարավորին չափ արագ բարձրացա հողաթումբը։ Խիտ թփուտների միջից երկու անգամ էլ կրակեցին, և Այմոն, որը կտրում֊անցնում էր ռելսերը, օրորվեց, սայթաքեց ու երեսնիվայր ընկավ գետին։ Մենք նրան քաշեցինք մյուս կողմը ու շրջեցինք մեջքի վրա։

― Գլուխը պետք է ոտքերից բարձր լինի, ― ասացի ես։

Պիանին տեղաշարժեց նրան։ Նա պառկել էր ցեխոտ հողաթմբի վրա, ոտքերը դեպի ցած, շնչում էր անկանոն և ամեն արտաշնչման հետ արյուն էր թափվում բերանից։ Երեքս էլ, անձրևի տակ, պպզել էինք նրա շուրջը։ Փամփուշտը կպել էր ծոծրակին, անցել գլխի միջով և դուրս եկել աջ աչքի տակից։ Մինչև ես փորձում էի վիրախծծել երկու անցքերը, նա մեռավ։ Պիանին նրա գլուխն իջեցրեց հողին, մառլյայի կտորով սրբեց դեմքը, հետո թողեց նրան ու մի կողմ քաշվեց։

― Սրիկաներ, ― ասաց նա։

― Սրանք գերմանացի չեն, ― ասացի ես։ ― Այստեղ գերմանացիներ չեն կարող լինել։

― Իտալացիներ, ― ասաց Պիանին, այդ բառն օգտագործելով որպես մակդիր։ ― Italiani:

Բոնելլոն ոչինչ չասաց։ Նստել էր Այմոյի կողքին ու չէր նայում նրան։ Պիանին վերցրեց Այմոյի գլխարկը, որ ընկել էր հողաթմբի վրա ու ծածկեց նրա դեմքը։ Ապա հանեց տափաշիշը։

― Ուզո՞ւմ ես, ― Պիանին տափաշիշը մեկնեց Բոնելլոյին։

― Ոչ, ― ասաց Բոնելլոն ու շրջվեց իմ կողմը, ― ռելսերի վրա այս բանը կարող էր ամեն մեկիս պատահել։

― Ոչ, ― ասացի ես։ ― Պատճառն այն էր, որ ուզեցինք դաշտով անցնել։

Բոնելլոն բացասաբար շարժեց գլուխը։

― Այմոն մեռած է, ― ասաց նա։ ― Ո՞վ է լինելու հաջորդը, tenente. Հիմա ո՞ւր ենք գնալու։

― Իտալացիները կրակեցին, ― ասացի ես։ ― Ոչ թե գերմանացիները։

― Եթե գերմանացի լինեին, երևի բոլորիս էլ կսպանեին, ― ասաց Բոնլլոն։

― Իտալացիները մեզ համար ավելի վտանգավոր են, ― ասացի ես։ ― Վերջապահներն ամեն ինչից վախենում են։ Իսկ գերմանացիները գոնե գիտեն, թե ինչ են ուզում։

― Ճիշտ եք ասում, tenente, ― համաձայնեց Բոնելլոն։

― Հիմա ո՞ւր ենք գնալու, ― հարցրեց Պիանին։

― Ավելի լավ է մինչև մութն ընկնելն սպասենք։ Եթե կարողանանք մի կերպ հարավ հասնել, ամեն ինչ լավ կլինի։

― Նրանք ստիպված են բոլորիս էլ սպանել, որպեսզի ապացուցեն, թե առաջինին զուր չեն սպանել, ― ասաց Բոնելլոն։ ― Չեմ ուզում ռիսկի դիմել։

― Ուդինի մոտ մի տեղ կգտնենք ու կթաքնվենք, ― իսկ երբ մթնի, կաշխատենք անցնել։

― Որ այդպես է, գնանք, ― ասաց Բոնելլոն։

Սկսեցինք իջնել հողաթմբի հյուսիսային կողմից։ Ետ նայեցի։ Այմոն պառկած էր հողաթմբի անկյան տակ, ցեխերի մեջ։ Նա շատ փոքր էր, ձեռքերը ձգված երկու կողքերին, փաթաթան հագած ոտքերն ու ցեխոտ կոշիկները կպած էին իրար, գլխարկը ծածկել էր դեմքը։ Նա շատ մեռած էր երևում։ Անձրև էր գալիս։ Մինչև հիմա ինձ ոչ ոք այնքան դուր չէր եկել, որքան նա։ Նրա թղթերն իմ գրպանում էին, ու ես պետք է գրեի նրա ընտանիքին։

Հեռվում, դաշտերի մեջ, մի ագարակատուն էր երևում։ Շուրջը՝ ծառեր, իսկ տան առաջ՝ օժանդակ շինություններ, երկրորդ հարկում ցցագերանների վրա պատշգամբ էր կառուցված։

― Ավելի լավ է իրարից հեռու քայլենք, ― ասացի ես։ ― Առաջինը ես կգնամ։

Քայլերս ուղղեցի դեպի ագարակատունը։ Դաշտում մի արահետ կար։

Անցնում էի դաշտի միջով և անընդհատ սպասում, որ ահա ուր որ է կսկսեն կրակել ագարակատան ծառերի ետևից կամ հենց ագարակատնից։ Ես ուղիղ այնտեղ էի գնում, և տունն աչքերիս առաջ երևում էր պարզ ու հստակ։ Երկրորդ հարկի պատշգամբը մխրճվել էր խոտանոցի մեջ, ու ցցագերանների արանգներում խոտ էր լցված։ Բակը շրջապատված էր քարե պարսպով, ու ծառերի վրայից անձրև էր կաթկթում։ Բակում մեծ ու դատարկ, քեղիներն անձրևի տակ դեպի վեր ցցված երկանիվ մի սայլ կար։ Անցա բակի միջով ու կանգնեցի պատշգամբի տակ։ Դուռը բաց էր, ու ես ներս մտա։ Բոնելլոն ու Պիանին հետևեցին ինձ։ Մութ էր ներսում։ Գնացի խոհանոց։ Մեծ ու բաց օջախում մոխիր կար։ Մոխիրների վրա պուտուկներ էին կախված, բայց՝ դատարկ։ Պրպտեցի չորս կողմը, սակայն ուտելու բան չգտա։

― Հենց խոտերի վրա էլ կպառկենք ու կսպասենք, ― ասացի ես։ ― Ի՞նչ եք կարծում, Պիանի, կարո՞ղ ենք ուտելու բան գտնել, մարագ տանել։։

― Գնամ տեսնեմ, ― ասաց Պիանին։

― Ես էլ գնամ, ― ասաց Բոնելլոն։

― Լավ, ― ասացի ես։ ― Ես մարագ եմ գնում, տեսնեմ ինչ կա։

Փնտրեցի ու գտա քարե աստիճանները, որոնք դուրս էին տանում գոմից։ Գոմում ինչ֊որ չոր հոտ էր տարածվել, որն անձրևի տակ հաճելի էր թվում։ Անասուն չկար, երևի հետներն էին տարել ագարակատունը լքելիս։ Մարագը կիսով չափ խոտով էր լցված։ Տանիքի վրա երկու պատուհան կար, մեկը տախտակներով էր մեխված, իսկ մյուսը նեղլիկ մի ձեղնանցք էր հյուսիսային կողմում։ Տանիքում մի փողրակ կար, որտեղից խոտը գցում էին կերատաշտի մեջ։ Խաչաձև տախտակներ էին մեխված այն դռնակին, որի առջև բերքահավաքի ժամանակ, խոտով բարձված սայլեր էին կանգնում։ Լսում էի, թե ինչպես էր անձրևը տկտկացնում տանիքին, և խոտի հոտ էի զգում, ու երբ ներքև իջա, զգացի նաև չորացած գոմաղբի մաքուր հոտը։ Կարելի էր տախտակներից մեկը պոկել և հարավային կողմի պատուհանից նայել դեպի բակը։ Մյուս պատուհանը հյուսիսում էր, ուղիղ դաշտի վրա։ Եթե սանդուղքը չլիներ, կարելի էր որևէ պատուհանից տանիք բարձրանալ և այնտեղից հնարավոր էր իջնել նաև փողրակի միջով։ Խոտանոցը մեծ էր և, վտանգի դեպքում, կարելի էր թաքնվել խոտերի մեջ։ Ըստ երևույթին, հուսալի տեղ էր։ Վստահ եմ, որ մենք հիմա հարավում կլինեինք, եթե չկրակեին մեզ վրա։ Չի կարող պատահել, որ այստեղ գերմանացիներ լինեն։ Նրանք գալիս էին հյուսիսից, Չիվիդալեի կողմից։ Բացառված էր, որ հարավից գային։ Իտալացիներն ավելի վտանգավոր են։ Վախեցած էին, դրա համար էլ կրակում էին աջ ու ձախ։ Անցյալ գիշեր շարասյան մեջ շշուկ ընկավ, թե հյուսիսում իտալական համազգեստ հագած բազմաթիվ գերմանացիներ են խառնվել նահանջող բանակին։ Չէի հավատում։ Պատերազմի ժամանակ միշտ էլ այդպիսի լուրեր են տարածվում։ Եվ դա միշտ թշնամին է անում։ Երբեք չես լսի, թե ինչ֊որ մեկը գերմանական համազգեստ է հագել, որպեսզի իրարանցում ստեղծի գերմանական բանակում։ Գուցե և անում են, բայց այդ մասին երբեք չեն խոսում։ Չէի հավատում, թե գերմանացիներն այդպիսի միջոցների էին դիմում։ Չէի հավատում, որ դա անհրաժեշտ է նրանց։ Ի՞նչ կարիք կար իրարանցում ստեղծել նահանջող բանակում։ Իրարանցում ստեղծում են զինվորների թիվն ու ճանապարհների սակավությունը։ Առանց գերմանացիների էլ գլուխ չեն հանի։ Բայց և այնպես մեզ կարող են ծպտված գերմանացիների տեղ դնել ու կրակել։ Կրակեցին չէ՞ Այմոյի վրա։ Խոտից լավ հոտ էր գալիս և, մարագում պառկած, թվում էր, թե վերանում են բոլոր անցած տարիները։ Պառկել էինք մարագում, զրուցում էինք ու օդաձիգ հրացանով կրակում ագռավների վրա, երբ նրանք նստում էին առաստաղի եռանկյուն անցքի ծայրերին։ Հիմա մարագ չկար, հիմա այնպիսի տարի էր, որ բոլոր սպիտակ եղևնիները կտրել էին և նախկին անտառի տեղում մնացել էին միայն ծառաբներ, չորուկներ, ճյուղեր ու թորթոջներ։ Վերադարձ չկա։ Ի՞նչ կլինի, եթե առաջ չգնաս։ Երբեք չես վերադառնա Միլան։ Իսկ եթե վերադառնաս, ի՞նչ օգուտ։ Հյուսիսից, Ուդինի կողմից, կրակոցի ձայներ էին լսվում։ Գնդացիր էր կրակում։ Թնդանոթի ձայն չկար։ Իսկ դա ինչ֊որ բան նշանակում է։ Երևի ստիպել էին, որ զորքի մի մասը հավաքվեր ճանապարհի ծայրին։ Նայեցի ներքև ու կիսախավար բակում տեսա Պիանիին։ Թևի տակ մի մեծ երշիկ կար, ինչ֊որ ապակյա աման ու երկու շիշ գինի։

― Բարձրացեք, ― ասացի ես։ ― Այնտեղ է սանդուղքը։

Հետո գլխի ընկա, որ պետք է օգնել նրան, ու ցած իջա։ Այնքան երկար էի պառկել խոտերի վրա, որ գլուխս պտտվում էր։ Կարծես կես քուն, կես արթուն լինեի։

― Որտե՞ղ է Բոնելլոն, ― հարցրի ես։

― Կասեմ, ― ասաց Պիանին։

Մենք բարձրացանք սանղուղքով։ Նստեցինք և ուտելիքները դրեցինք խոտերի վրա։ Պիանին հանեց խցանահանը ու բաց արեց շշերից մեկը։

― Մոմով են զմռսել, ― ասաց նա։ ― Երևի համեղ կլինի։ ― Նա ժպտաց։

― Որտեղ՞է Բոնելլոն, ― հարցրի ես։

Պիանին նայեց ինձ։

― Գնաց, tenente, մենք պատերազմի կողմնակից չենք։

― Իսկ դուք ինչո՞ւ չգնացիք նրա հետ։

― Չէի ուզում ձեզ մենակ թողնել։

― Իսկ ո՞ւր գնաց։

― Չգիտեմ, tenente: Գնաց։

― Դե լավ, ― ասացի ես։ ― Երշիկը կտրեք։

Պիաին ինձ նայեց կիսախավարում։

― Խոսելու ժամանակ կտրում էի, ― ասաց նա։

Խոտերի վրա նստած, երշիկ էինք ուտում ու գինի խմում։ Երևի հարսանիքի համար էին պահել գինին։ Այնքան հին էր, որ կորցել էր գույնը։

― Դուք այս պատուհանից նայեք, Լուիջի, ― ասացի ես, ― իսկ ես՝ մյուս։

Երկուսս էլ առանձին շշերից էինք խմում, ու ես վերցրի իմ շիշը, ավելի վեր բարձրացա, երեսնիվայր պառկեցի խոտերի վրա ու նեղ պատուհանից սկսեցի դիտել թաց հարթավայրը։ Չգիտեմ, թե ինչ էի սպասում տեսնել, բայց բացի դաշտից և մերկ թթենիներից և անձրևից ուրիշ ոչինչ չտեսա։ Գինի էի խմում, սակայն տրամադրությունս չէր փոխվում։ Այնքան երկար էին պահել, որ փչացել էր և կորցրել գույնն ու որակը։ Նայում էի, թե ինչպես էր մթնում։ Մութը շատ արագ էր տարածվում։ Անձրև էր գալու, և սև գիշեր էր լինելու։ Երբ արդեն լրիվ մթնեց, այլևս իմաստ չուներ պատուհանից նայելը, ու ես վերադարձա Պիանիի մոտ։ Նա քնած էր, ու ես չարթնացրի նրան և լուռ նստեցի կողքին։ Նա խոշորակազմ էր, և քունը խորն էր շատ։ Քիչ անց արթնացրի, ու մենք ճամփա ընկանք։

Տարօրինակ գիշեր էր։ Չգիտեի, թե ինչ էի սպասում, գուցե մա՞հ, գուցե՝ կրակո՞ց, փախո՞ւստ մթության մեջ, բայց ոչինչ չպատահեց։ Առվի մոտ, երեսնիվայր պառկած, սպասեցինք մինչև որ գերմանական գումարտակն անցավ ու անհետացավ տեսողությունից, հետո վեր կացանք, անցանք խճուղին և ուղղվեցինք դեպի հյուսիս։ Երկու անգամ, անձրևի տակ, գերմանացիների հանդիպեցինք մոտիկից, բայց նրանք չնկատեցին մեզ։ Հյուսիսային կողմից շրջանցեցինք քաղաքը ու ոչ մի իտալացու չտեսանք, հետո, որոշ ժամանակ անց, դուրս եկանք նահանջի գլխավոր ճանապարհը և ամբողջ գիշերը քայլեցինք Տայլամենտոյի ուղղությամբ։ Երբեք չեմ պատկերացրել, թե նահանջը կարող էր այսքան հսկայական լինել։ Ամբողջ երկիրն էր բանակի հետ շարժվում։ Ամբողջ գիշեր քայլեցինք ու առաջ անցանք տրանսպորտից։ Ոտքս ցավում էր, ու ես հոգնած էի, բայց մենք շատ արագ էինք քայլում։ Թվում էր, թե Բոնելլոն հիմարություն արեց և իզուր գնաց հանձնվելու։ Ոչ մի վտանգ չկար։ Մենք երկու բանակի միջով անցանք, ու ոչ մի պատահար տեղի չունեցավ։ Եթե չլիներ Այմոյի մահը, կթվար, թե ընդհանրապես վտանգ չի եղել։ Ոչինչ չպատահեց, երբ մենք բացեիբաց քայլում էինք երկաթգծի վրայով։ Եվ սպանությունը հանկարծակի էր ու անիմաստ։ Մտծում էի, թե արդյոք որտեղ էր հիմա Բոնելլոն։

― Ինչպե՞ս եք, tenente, ― հարցրեց Պիանին։

Մենք քայլում էինք ճամփեզրով, որովհետև խճուղին լցված էր տրանսպորտով ու զինվորներով։

― Շատ լավ։

― Հոգնեցի քայլելուց։

― Մեր գործը հիմա քայլելն է։ Կարիք չկա վրդովվելու։

― Բոնելլոն խենթ է։

― Իհարկե, խենթ է։

―Ի՞նչ եք անելու նրան, tenente:

― Չգիտեմ։

― Հո չե՞ք կարող ասել, որ գերի է հանձնվել։

― Չգիտեմ։

― Գիտեք, եթե պատերազմը շարունակվի, ընտանիքին պատասխանատվության կկանչեն։

― Պատերազմը չի շարունակվի, ― ասաց զինվորներից մեկը։ ― Մենք տուն ենք գնում։ Պատերազմը վերջացավ։

― Բոլորն են տուն գնում։

― Բոլորս ենք տուն գնում։

― Գնացինք, tenente, ― ասաց Պիանին։

Ուզում էր առաջ անցնել։

― Tenente? Ո՞վ է tenente-ն։ Abbasso gli ufficiali! Կորչեն սպաները։

Պիանին թևանցուկ արեց ինձ։

― Ավելի լավ է անունով դիմեմ ձեզ, ― ասաց նա։ ― Մեկ էլ տեսար փորձանք պատահեց։ Քանի անգամ են սպաների գնդակահարել։

Մենք արագացրինք մեր քայլերն ու առաջ անցանք։

― Այնպես կզեկուցեմ, որ նրա ընտանիքին պատասխանատվության չկանչեն, ― շարունակեցի մեր խոսակցությունը։

― Եթե պատերազմը վերջանա, դա ի՞նչ նշանակություն ունի, ― ասաց Պիանին։ ― Բայց չեմ հավատում, որ վերջանա։ Շատ լավ կլիներ, եթե վերջանար։

― Շուտով կիմանանք, ― ասացի ես։

― Չեմ հավատում, որ վերջանա։ Բոլորն էլ կարծում են, թե վերջացավ, բայց ես չեմ հավատում։

― Evviva la Pace,[19] ― գոռաց զինվորներից մեկը։ ― Մենք տուն ենք գնում։

― Լավ կլիներ, եթե տուն գնայինք, ― ասաց Պիանին։ ― Չե՞ք ուզում տուն գնալ։

― Ուզում եմ։

― Չենք գնա։ Չեմ կարծում, որ պատերազմը վերջացավ։

― Andiamo a casa,[20] ― գոռաց զինվորներից մեկը։

― Զենքերն են գցում, ― ասաց Պիանին։ ― Քայլելու ժամանակ հանում են զենքերն ու գցում։ Հետո գոռում են։

― Իզուր են զենքը գցում։

― Նրանց թվում է, որ եթե զենքերը գցած լինեն, էլ չեն կարող ստիպել, որ կռվեն։

Խավարի ու անձրևի մեջ ճանապարհ բացելով քայլում էինք ու տեսնում, որ զինվորներից շատերը զենքերը չէին գցել, կախել էին ուսերից։

― Ո՞ր բրիգադայից եք, ― հարցրեց մի սպա։

― Brigada di Pace, ― գոռաց ինչ֊որ մեկը։ ― Խաղաղության բրիգադայից։

Սպան լռեց։

― Ի՞նչ էր ասում։ ― Ի՞նչ էր ասում սպան։

― Կորչի՛ սպան։ Evviva la Pace.

― Գնանք, գնանք, ― ասաց Պիանին։

Մենք անցանք անգլիական երկու սանիտարական մեքենաների կողքով, որոնք խառնվել էին մյուս լքված մեքենաներին։

― Գորիցիայից են, ― ասաց Պիանին։ ― Տեսել եմ, գիտեմ։

― Մեզնից անցել են։

― Մեզնից առաջ ճամփա ընկան։

― Հետաքրքրիր է, որտեղ են վարորդները։

― Երևի առջևում են։

― Գերմանացիները կանգ են առել Ուդինի մոտ, ― ասացի ես։ ― Բոլորս էլ պետք է գետն անցնենք։

― Այո, ― ասաց Պիանին։ ― Եվ հենց դրա համար էլ ինձ թվում է, որ պատերազմը կշարունակվի։

― Գերմանացիները կարող էին առաջ գնալ, ― ասացի ես։ ― Հետաքրքիր է, ինչո՞ւ չեն գնում։

― Չգիտեմ։ Ես այս պատերազմից բան չեմ հասկանում։

― Երևի տրանսպորտի են սպասում։

― Չգիտեմ, ― ասաց Պիանին։

Հիմա, երբ մենակ մնաց, ավելի կիրթ էր։ Իսկ առաջ, վարորդների շրջապատում՝ անզուսպ լեզու ուներ։

― Ամուսնացա՞ծ եք, Լուիջի։

― Գիտեք, որ ամուսնացած եմ։

― Գուցե դա՞ է պատճառը, որ չուզեցիք գերի հանձնվել։

― Մասամբ։ Իսկ դուք ամուսնացա՞ծ եք։

― Ոչ։

― Բոնելլոն էլ չէր ամուսնացած։

― Չի կարելի ամեն ինչ ամուսնությամբ բացատրել։ Բայց, իհարկե, ամուսնացած մարդը կուզենա կնոջ մոտ վերադառնալ, ― ասացի ես։ Ինձ դուր էր գալիս կանանց մասին խոսելը։

― Այո։

― Ինչպե՞ս է ձեր ոտքը։

― Մի քիչ ցավում է։

Լուսաբացից առաջ հասանք Տալյամենտոյի ափը և վարար գետի ափով մոտեցանք կամրջին, որի վրայով անընդհատ մեքենաներ էին անցնում։

― Կարող էին ամրանալ գետի մոտ, ― ասաց Պիանին։

Մթության մեջ թվում էր, թե գետը շատ է վարարել։ Ջուրն ալեկոծվել էր և դուրս եկել հունից։ Փայտե կամուրջը գրեթե երեք քառորդ մղոն երկարություն ուներ և գետը, որ սովորաբար նեղ վտակներով հոսում էր քարերով ծածկված լայն հունի միջով, հիմա բարձրացել էր գրեթե մինչև կամուրջը։ Մենք քայլեցինք գետափով, ապա խառնվեցինք կամուրջն անցնող բազմությանը։ Վարար գետից մի քանի ոտնաչափ վերև, բազմությանը խառնված, դանդաղ քայլում էինք անձրևի տակ, ու ես նայում էի շուրջս, հետևում գետի հոսանքին և քիչ էր մնում ընկնեի պայթուցիկների արկղի վրա։ Հիմա, երբ ստիպված էինք մեր քայլերը հարմարեցնել ուրիշների քայլերին, ես ինձ շատ հոգնած զգացի։ Կամրջի վրա աշխուժություն չկար։ Մտածում էի, թե ինչ կլիներ, եթե ցերեկն ինքնաթիռը ռմբակոծեր կամուրջը։

― Պիանի, ― ասացի ես։

― Այստեղ եմ, tenente:

Ամբոխը նրան մի փոքր առաջ էր հրել։ Ոչ ոք չի խոսում։ Աշխատում էին հնրավորին չափ շուտ անցնել կամուրջը և միայն այդ մասին էին մտածում։ Մենք գրեթե անցել էինք։ Կարմջի երկու ծայրերին, ձեռքներին լապտերներ բռնած, կանգնած էին մի քանի սպաներ ու կարաբինավորներ։ Երկնքի ֆոնի վրա երևում էին նրանց ուրվանկարները։ Երբ մոտեցանք, տեսա, թե ինչպես սպաներից մեկը ցույց տվեց զորասյան մեջ քայլող մի մարդու։ Կարաբինավորը գնաց, բռնեց այդ մարդու թևից, բերեց ու դուրս հանեց ճանապարհից։ Մենք գրեթե հասել էինք սպաներին։ Նրանք ուշադիր զննում էին զորասյան մեջ քայլողներին, երբեմն խոսում իրար հետ, առաջ անցնում և լուսավորում որևէ մեկի դեմքը։ Դեռ լրիվ չէինք մոտեցել, երբ մեկ ուրիշին էլ բռնեցին։ Փոխգնդապետ էր։ Երբ նրան լապտերով լուսավորեցին, տեսա թևի աստղերը։ Սպիտակ մազեր ուներ, և կարճահասակ էր ու գիրուկ։ Կարաբինավորները նրան ևս դուրս հանեցին ճանապարհից։ Երբ հավասարվեցինք սպաներին, նրանք ինձ էին նայում։ Հետո նրանցից մեկը մատնացույց արեց ինձ և ինչ֊որ բան ասաց կարաբինավորին։ Տեսա, որ կարաբինավորը զորասյան ծայրից ճամփա բացելով ուղղվեց իմ կողմը, հետո զգացի, որ բռնեց օձիքիցս։

― Ի՞նչ է պատահել, ― ասացի ես։ ― Նա չպատասխանեց։ Հարմար առիթ էր փնտրում ինձ բռնելու համար։ Ձեռքս տարա մեջքիս, որպեսզի ատրճանակ հանեմ։ ― Ինչ է, չգիտե՞ս, որ իրավունք չունես սպային ձեռք տալ։

Երկրորդը ետևից բռնեց թևս և այնպես ոլորեց, որ քիչ էր մնում կոտրեր․ ես շուռ եկա, բայց առաջինը հարձակվեց ու բռնեց վզիցս։ Ոտքերով խփեցի նրան և ձախ ձեռքով հարվածեցի աճուկներին։

― Եթե դիմադրի, կրակեցեք, ― ասաց ինչ֊որ մեկը։

― Սա ի՞նչ բան է, ― փորձեցի գոռալ ես, բայց ձայնս բարձր չհնչեց։ Ինձ էլ դուրս հանեցին ճանապարհից։

― Եթե դիմադրի, կրակեցեք, ― ասաց սպաներից մեկը։ ― Տարեք։

― Ովքե՞ր եք դուք։

― Հետո կիմանաք։

― Ովքե՞ր եք դուք։

― Դաշտային ոստիկանություն, ― ասաց մի ուրիշ սպա։

― Ինչո՞ւ ինքնաթիռներ ուղարկելու փոխարեն չխնդրեցիք, որ մոտենամ։

― Չպատասխանեցին։ Պարտավոր չէին պատասխանելու։ Դաշտային ոստիկանությունն էր։

― Տարեք մյուսների մոտ, ― ասաց առաջին սպան։ ― Լսեցի՞ք։ Օտարի նման է իտալերեն խոսում։

― Դու էլ ես այդպես խոսում, սրիկայի մեկը, ― ասացի ես։

― Մյուսների մոտ տարեք, ― ասաց առաջին սպան։

Ինձ անցկացրին սպաների կողքով, դուրս հանեցին ճանապարհից և տարան գետափնյա դաշտը, որտեղ մի խումբ մարդիկ էին կանգնած։ Քայլելու ժամանակ կրակոցի ձայներ լսվեցին։ Տեսա հրացանների բռնկումն ու լսեցի համազարկի ձայները։ Մոտեցանք խմբին։ Չորս սպաներ կանգնել էին կողք֊կողքի և նրանց առջև, երկու կարաբինավորների մեջտեղում՝ մի մարդ։ Քիչ հեռվում, կարաբինավորների հսկողության տակ, մի խումբ մարդիկ էին սպասում։ Չորս կարաբինավորներ, իրենց հրացաններին հենված, կանգնել էին հարցաքննող սպաների մոտ։ Նրանք լայնեզր գլխարկներ էին դրել։ Ինձ հրեցին հարցաքննության սպասող մարդկանց խմբի մոտ։ Նայեցի հարցաքննվողին։ Դա այն փոքրամարմին, գիրուկ ու ալեհեր փոխնդապետն էր, ում քիչ առաջ ձերբակալել էին զորասյան մեջ։ Սպաները հարցաքննում էին գործնական ու սառը տոնով, այն իտալացիների ինքնազսպությամբ, որոնք կրակում են, բայց գիտեն, որ իրենց վրա չեն կրակի։

― Ո՞ր բրիգադից եք։

Նա պատասխանեց։

― Ինչո՞ւ ձեր գնդի հետ չեք։

Նա պատասխանեց։

― Մի՞թե ձեզ հայտնի չէ, որ սպան պետք է միշտ իր զորամասի հետ լինի։

― Հայտնի է։

Այսքան։ Հիմա մի ուրիշ սպա խոսեց։

― Ձեր և ձեր նմանների պատճառով է, որ բարբարոսները ներխուժել են մեր հայրենիքի սրբազան հողը։

― Ներեցեք, ― ասաց գնդապետը։

― Ձեր նմանների դավաճանության պատճառով է, որ մենք կորցրինք մեր հաղթանակի պտուղները։

― Դուք երբևիցե նահանջե՞լ եք, ― հարցրեց փոխգնդապետը։

― Իտալացիներն իրավունք չունեն նահանջելու։

Մենք, անձրևի տակ կանգնած լսում էինք նրանց խոսակցությունը։ Մենք կանգնել էինք սպաների դիմաց, իսկ հարցաքննվողը՝ մեր առջև, խմբի ծայրին։

― Եթե մտադիր եք ինձ գնդակահարել, ― ասաց փոխգնդապետը, ― խնդրում եմ միանգամից գնդակահարել, առանց նորից հարցաքննելու։ Անհեթեթ էր այս հարցաքննությունը։ ― Նա խաչակնքեց։ Սպաներն սկսեցին խոսել իրար հետ։ Նրանցից մեկը ինչ֊որ բան գրեց ծոցատետրի մեջ։

― Լքել է իր զորամասը, պետք է գնդակահարվի, ― ասաց նա։

Երկու կարաբինավորները փոխգնդապետին տարան գետափ։ Նա ծեր էր, գլխաբաց քայլում էր անձրևի տակ, երկու կարաբինավորների մեջտեղում։ Չնայեցի, թե ինչպես գնդակահարեցին նրան, բայց լսեցի համազարկը։ Սպաներն արդեն հաջորդին էին հարցաքննում։ Այս սպան ևս հեռացել էր իր զորամասից։ Չթողեցին, որ բացատրություն տա։ Երբ կարդացին ծոցատետրի էջերից մեկի վրա գրված դատավճիռը, նա լաց եղավ ու մինչև գետափ շարունակեց լաց լինել, իսկ երբ նրան գնդակահարեցին, արդեն հաջորդին էին հարցաքննում։ Հենց որ որևէ մեկին գնդակահարում էին գետափի մոտ, սպաներն շտապում էին հաջորդին հարցաքննել։ Եվ այսպիսով պարզ դարձավ, որ նրանք ուրիշ ոչինչ չեն կարող անել։ Ես չգիտեի հարցաքննությա՞ն սպասել, թե՞ անմիջապես փախուստի փորձ անել։ Միանգամայն պարզ էր, որ ես իտալական համազգեստ հագած գերմանացի եմ։ Ես գիտեի, թե նրանց խելքն ինչպես էր աշխատում, եթե իհարկե, աշխատում էր ու եթե ընդհանրապես խելք ունեին։ Երիտասարդ սպաներ էին, և նրանք փրկում էին իրենց հայրենիքը։ Տալյամենտոյի մոտ երկրորդ բանակն էր վերակազմավորվում։ Նրանք գնդակահարում էին մայորներին ու ավելի բարձրաստիճան սպաներին, որոնք հեռացել էին իրենց զորամասերից։ Նույն ձևով էլ դատաստան էին տեսնում իտալական համազգեստ հագած գերմանացի ագիտատորների հետ։ Նրանք պողպատե սաղավարտ էին հագել (մեզնից միայն երկու հոգի այդպիսի սաղավարտ ունեին, ինչպես նաև կարաբինավորներից մի քանիսը)։ Իսկ մյուսները՝ լայնեզր գլխարկ էին դրել։ Մենք նրանց կոչում էինք ինքնաթիռներ։ Կանգնել էինք անձրևի տակ, և հերթով մեզ տանում էին հարցաքննելու և գնդակահարելու։ Մինչև հիմա բոլոր հարցաքննվողներին գնդակահարել էին։ Հարցաքննում էին չտեսնված անկիրթ ու անտարբեր, այն մարդկանց նվիրական օրինապահությամբ, որոնք տնօրինում են ուրիշի կյանքը, իսկ իրենց կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։ Հիմա հարցաքննում էին գծային գնդի գնդապետին։

― Որտե՞ղ է ձեր գունդը։

Նայեցի կարաբինավորներին։ Նրանք նայում էին նոր ձերբակալվածներին։ Մյուսները նայում էին գնդապետին։ Ես կռացա, դուրս թռա երկու կարաբինավորների արանքից և, գլուխս հակած, վազեցի դեպի գետը։ Գետափի մոտ սայթաքեցի և շրմփոցով ընկա ջուրը։ Գետը շատ սառն էր, և ինչքան որ հնարավոր էր դիմանալ, մնացի ջրի տակ։ Զգացի, որ հոսանքը տանում էր ինձ և այնքան ժամանակ մնացի տակը, մինչև գլխի ընկա, որ այլևս չեմ կարողանալու ջրի երես դուրս գալ։ Դուրս եկա, խորը շունչ քաշեցի ու անմիջապես նորից ջրի տակ մտա։ Համազգեստով ու կոշիկներով դժվար չէր ջրի տակ մնալ։ Երբ երկրորդ անգամ դուրս եկա տակից, մի գերան նկատեցի առջևում, լողալով հասա ու մի ձեռքով բռնեցի այն։ Գլուխս թաքցրի գերանի տակ և փորձ էլ չարեցի վրայից նայելու։ Չէի ուզում ափը տեսնել։ Վազելիս ու առաջին անգամ ջրի երես դուրս գալու ժամանակ կրակոցի ձայներ լսեցի։ Այդ ձայնը լսվում էր նաև ջրի մակերեսի մոտ։ Հիմա կրակոց չկար։ Գերանը ճոճվում էր ջրի վրա, ու ես մի ձեռքով բռնել էի այն։ Նայեցի դեպի ափը։ Թվում էր, թե ափը շատ արագ էր շարժվում։ Գետի վրա մեծ քանակությամբ փայտեր էին լողում։ Ջուրը շատ սառն էր։ Մենք անցանք թփուտներով ծածկված կղզյակի մոտով։ Երկու ձեռքով բռնեցի գերանը և թողեցի, որ տանի ինձ։ Հիմա ափն արդեն չէր երևում։

Գլուխ 31

Եթե հոսանքն արագ է, երբեք չես իմանա, թե որքան ժամանակ ես գետում մնացել։ Թվում է՝ շատ երկար, մինչդեռ իրականում՝ գուցե և շատ կարճ։ Ջուրը սառն էր ու վարար, հեղեղը սրբել տարել էր այն ամենն, ինչ ընկած էր եղել ափին, և հիմա հազար ու մի բան էր լողում ջրի վրա։ Բարեբախտաբար, գերանը ծանր էր, ու ես պառկեցի սառը ջրի վրա, ծնոտս դրի փայտին ու փորձեցի հնարավորին չափ թեթև բռնել այն։ Վախենում էի ջղաձգությունից և շատ էի ուզում, որ հոսանքը մեզ ափ գցեր։ Լողում էինք երկար կորագծով։ Բավական լուսացել էր, և արդեն երևում էին գետափնյա թփերը։ Առջևում թփուտներով ծածկված մի կղզի կար, և հոսանքը հիմա քշում էր դեպի ափը։ Ուզում էի զգեստս ու կոշիկներս հանել և լողալով ափ հասնել, բայց հրաժարվեցի այդ մտքից։ Ես միայն մի բանի մասին էի մտածում․ եթե մի կերպ ափ ելնեմ, դժվար կլինի առանց կոշիկների։ Հարկավոր էր մի կերպ Մեստրե հասնել։

Ափը մեկ մոտենում էր, մեկ տատանվելով հեռանում, մեկ նորից մոտենում։ Հիմա մենք ավելի դանդաղ էինք լողում։ Ափը մոտ էր։ Նույնիսկ ուռենու ճյուղերն էին երևում։ Գերանը դանդաղ շուռ եկավ, ափը մնաց ետևում, ու ես հասկացա, որ ջրապտույտի մեջ ենք ընկել։ Մենք դանդաղ պտտվում էինք ջրում։ Երբ ափը նորից երևաց շատ մոտիկից, փորձեցի մի ձեռքով բռնել գերանից, իսկ մյուս ձեռքով և ոտքերի օգնությամբ՝ քշել դեպի ափը, բայց չկարողացա գերանը ափին հասցնել։ Վախենում էի, որ հոսանքն ինձ նորից ջրապտույտի մեջ գցի և, մի ձեռքով գերանից բռնած, ոտքերս այնպես ձգեցի, որ կպան փայտին, և ամբողջ ուժով հրեցի դեպի ափը։ Տեսնում էի թփուտները, բայց չնայած իներցիային և իմ թափած ջանքերին, հոսանքը մեզ մի կողմ էր քշում։ Մտածում էի, որ կխեղդվեմ կոշիկներիս պատճառով, բայց անընդհատ խփում էի ոտքերով, պայքարում ջրի հետ, ու երբ հայացքս բարձրացրի, տեսա թե ինչպես էր ափը ընդառաջ գալիս ինձ և, հաղթահարելով ոտքերիս ահավոր ծանրությունը, շարունակեցի լողալ մինչև ափը։ Կախվեցի ուռենու ճյուղերից, բայց ուժ չունեի ջրից դուրս գալու, թեև գիտեի, որ արդեն խեղդվելու վտանգ չկար։ Գերանի վրա մտքովս անգամ չէր անցնում, որ կարող եմ խեղդվել։ Լարվածությունից սիրտս խառնում էր, կրծքավանդակս ճմլվել էր և ուռենու ճյուղից բռնած, սպասում էի։ Երբ սրտխառնոցս անցավ, մի փոքր ձգվեցի դեպի ափը, հետո ամուր կառչեցի ճյուղից ու նորից հանգստացա։ Հետո դուրս եկա ջրից, անցա ուռենիների միջով ու հայտնվեցի ափին։ Արդեն գրեթե լույս էր, ու ոչ ոք չէր երևում։ Երեսնիվայր պառկեցի գետնին, ականջ դնելով գետի ու անձրևի աղմուկին։

Քիչ անց վեր կացա և քայլեցի գետափով։ Գիտեի, որ մինչև Լատիզանա ոչ մի կամուրջ չկար։ Ինձ թվում էր, թե դիմացում մի ջրանցք կար, որ թափվում էր գետը։ Գնացի այնտեղ։ Ոչ ոք չկար շուրջը, և ես նստեցի մերձափնյա թփուտների տակ, հանեցի կոշիկներս ու թափեցի ջուրը։ Հանեցի նաև բաճկոնս, ծոցագրպանից վերցրի թրջված դրամապանակս, որի մեջ փաստաթղթեր և թղթադրամներ կային, հետո քամեցի բաճկոնս։ Հանեցի տաբատս, դա էլ քամեցի, իսկ հետո՝ շապիկս ու ներքնազգեստներս։ Երկար ժամանակ ձեռքով խփում, շփում էի մարմնիս։ Իսկ հետո նորից հագնվեցի։ Գլխարկս կորցրել էի։

Բաճկոնը հագնելուց առաջ թևի վրայից պոկեցի մահուդե աստղերը և, փողերի հետ միասին, դրեցի գրպանս։ Փողերը թրջված էին, բայց անվնաս էին մնացել։ Հաշվեցի։ Երեք հազար լիրայից ավելի էր։ Հագուստներս թաց էին և կպչուն, ու ես անընդհատ թափահարում էի ձեռքերս, որպեսզի արյան շրջանառությունն արագանար։ Բրդյա սպիտակեղեն էի հագել ու մտածում էի, որ եթե անընդհատ շարժման մեջ լինեմ, չեմ հիվանդանա։ Ատրճանակը վերցրել էին ճանապարհին, ու պատյանը խրել էի գոտուս մեջ։ Թիկնոց չունեի, և ցուրտ էր անձրևի տակ։ Քայլեցի ջրանցքի ափով։ Արդեն լրիվ լույս էր, և շուրջն ամեն ինչ թաց էր, հարթ ու տրտում։ Դաշտերը մերկ էին ու թաց։ Հեռու դաշտում մի զանգակատուն էր ձգվում դեպի երկինք։ Դուրս եկա ճանապարհ։ Տեսա հետևակների մի ջոկատ, որն ընդառաջ էր գալիս ինձ։ Կաղալով քայլում էի ճամփեզրին, ու զինվորներն անցան իմ կողքից և ուշադրություն չդարձրին ինձ վրա։ Դա գնդացրորդների ջոկատ էր, որ գնում էր դեպի գետը։ Շարունակեցի քայլել։

Այդ օրը ես անցա վենետիկյան հարթավայրը։ Տափարակ ու ցածր տեղանք էր, որն անձրևի տակ էլ ավելի հարթ էր թվում։ Ծովի մոտ աղի ճահճուտներ կային, իսկ ճանապարհները շատ քիչ էին։ Բոլոր ճանապարհներն անցնում էին գետաբերանով ու գնում դեպի ծովը, և հարթավայրը կտրելու համար անհրաժեշտ էր քայլել ջրանցքների ափերին ընկած արահետներով։ Անցա հարթավայրը, հյուսիսից հարավ հասա, կտրեցի բազմաթիվ ճանապարհներ ու երկու երկաթուղագիծ և, վերջապես, արահետներից մեկն ինձ հասցրեց այն երկաթգծին, որն անցնում էր ճահճուտների մոտով։ Դա Տրիեստ֊վենետիկյան գլխավոր երկաթգիծն էր, որն ուներ բարձր և ամուր հողաթմբեր, լայն պաստառ ու զույգ գծեր։ Քիչ այն կողմ մի կիսակայարան կար, որտեղ ժամապահներ էին կանգնած։ Իսկ հակառակ կողմում՝ մի կամուրջ էր անցնում գետի վրայով, որը թափվում էր ճահճուտները։ Կամրջի մոտ ևս ժամապահ կար։ Երբ դաշտի միջով քայլեցի դեպի հյուսիս, տեսա, թե ինչպես այդ երկաթգծով մի գնացք անցավ։ Հարթավայրում հեռվից գնացքը լավ էր երևում, ու ինձ թվաց, թե Պորտոգրուարոյի կողմից էր գալիս։ Նայեցի ժամապահներին, պառկեցի հողաթմբի վրա, որպեսզի երկու կողմից էլ կարողանայի տեսնել ճանապարհը։ Կամրջի մոտ կանգնած ժամապահը ռելսերի վրայով մի քանի քայլ արեց իմ ուղղությամբ, հետո շրջվեց ու վերադարձավ դեպի կամուրջը։ Սոված պառկել, գնացքի էի սպասում։ Առաջին գնացքն այնքան երկար էր, որ շոգեքարշը շատ դանդաղ էր շարժվում, ու ես վստահ էի, որ կկարողանայի հեշտությամբ թռչել ընթացքի ժամանակ։ Երբ արդեն գրեթե կորցրել էի հույսս, տեսա մոտեցող գնացքը։ Շոգեքարշը, հետզհետե խոշորանալով, գալիս էր ուղիղ ինձ վրա։ Նայեցի ժամապահին։ Նա քայլում էր կամրջի մոտիկ ծայրին, բայց՝ գծերի մյուս կողմում։ Այնպես որ գնացքը ծածկելու էր ինձ։ Հետևում էի շոգեքարշին, որը ծանր փնչում էր։ Տեսա, որ վագոնները շատ էին։ Գիտեի, որ գնացքում անպայման ժամապահներ կլինեն, և ուզում էի գտնել նրանց, բայց չկարողացա, վախենում էի, որ կնկատեն ինձ։ Շոգեքարշը գրեթե հավասարվեց այն հողաթմբին, որի վրա պառկել էի ես։ Երբ շոգեքարշը, որը հարթ տեղում անգամ փնչում էր ծանրորեն, անցավ իմ առջևից, և մեքենավարն արդեն չէր կարող ինձ տեսնել, ես վեր կացա ու մոտեցա վագոններին։ Եթե պահակախումբը պատուհաններից հետևում էր ինձ, ապա ռելսերի մոտ կանգնած մարդը ավելի քիչ կասկած կարող էր հարուցել։ Մի քանի փակ բեռնատար վագոններ անցան իմ առջևից։ Հետո նկատեցի բրեզենտով ծածկված մի ցածրիկ ու բաց վագոն, որոնց այստեղ կոչում էր գոնդոլներ։ Ահա ուր որ է պիտի հեռանար, երբ ես ձեռքս տարա վերջամասի բռնակին, թռա ու ձգվեցի դեպի վեր։ Հետո ելա գոնդոլն ու հաջորդ բեռնատար փակ վագոնը միացնող հարթակի վրա։ Գրեթե վստահ էի, որ ինձ չեն նկատել։ Նստեցի, կառչեցի բռնակին ու ոտքերս հենեցի կցակեռին։ Գրեթե մոտեցել էինք կամրջին։ Հիշեցի ժամապահին։ Գոնդոլը անցավ նրա կողքից, ու նա նայեց ինձ։ Փոքր տղա էր, և սաղավարտը շատ մեծ էր նրա գլխին։ Ես արհամարհանքով նայեցի նրան, ու նա շուռ եկավ։ Երևի կարծեց, որ գնացքի անձնակազմից եմ։

Գոնդոլը հեռացավ կամրջից։ Տեսա, որ նա դեռևս անհանգստությամբ հետևում էր մյուս վագոններին, ու ես կռացա և ստուգեցի, թե բրեզենտն ինչպես էր ամրացված։ Ծայրերին օղակներ կային, իսկ օղակների միջով պարան էր անցնում։ Հանեցի դանակս, կտրեցի պարանը և ձեռքս խոթեցի բրեզենտի մեջ։ Վագոնի պատը թրջվել էր անձրևից և տեղ֊տեղ ուռել։ Բարձրացրի հայացքս ու նայեցի առաջ։ Հաջորդ վագոնի հարթակին մի ժամապահ էր կանգնած, բայց նա ուրիշ կողմ էր նայում։ Թողեցի բռնակը և մտա բրեզենտի տակ։ Ճակատս ինչ֊որ բանի կպավ, աչքերս մթնեցին ու դեմքիս վրա արյուն զգացի, բայց և այնպես մի կերպ տեղավորվեցի ու պառկեցի կողքի վրա։ Հետո շուռ եկա և նորից ամրացրի բրեզենտը։

Բրեզենտի տակ զենքեր կային, ու ես զենքերի կողքին էի պառկած։ Յուղի ու նավթի մաքուր հոտ էր գալիս։ Պառկած լսում էի բրեզենտի վրա թափվող անձրևի ձայնն ու անիվների աղմուկը։ Բրեզենտից թեթև լույս էր թափանցում, ու ես պառկած նայում էի զենքերին։ Զենքերին շապիկ էին հագցրել։ Երևի երրորդ բանակն էին ուղարկում։ Ճակատիս ուռուցք գոյացավ։ Ես անշարժ պառկեցի, որպեսզի արյունը մակարդվի։ Մակարդվելուց հետո պոկեցի չորացած արյունը, բայց վերքին ձեռք չտվի։ Չէր ցավում։ Թաշկինակ չունեի, բայց բրեզենտից կաթկթող անձրևաջրով հանեցի չորացած արյան մնացորդները և թևով սրբեցի։ Իմ արտաքինը չպետք է կասկածանքի առիթ տա։ Գիտեի, որ մինչև Մեստրե պետք է ցատկեի գնացքից, որովհետև կգան և կստուգեն զենքերը։ Զենքն այնքան քիչ էր, որ չէր կարելի ոչ կորցնել, ոչ մոռանալ։ Սարսափելի սոված էի։

Գլուխ 32

Թրջված, մրսած ու սոված պառկել էի բրեզենտով ծածկված վագոնի հատակին, զենքերի կողքին։ Վերջիվերջո շուռ եկա, պառկեցի փորիս և գլուխս դրեցի թևերիս վրա։ Ծունկս անզգայացել էր, բայց և այնպես դժգոհելու առիթ չունեի։ Վալենտինը հիանալի վիրահատեց։ Նահանջի կեսը ոտքով եմ անցել և Տայլամենտոյի մի մասը լողացել եմ նրա ծնկով։ Եվ դա իսկապես նրա ծունկն էր։ Իսկ մյուսն՝ իմն էր։ Բժիշկները հազար ու մի բան են քչփորում քո մեջ, և դրանից հետո մարմինդ արդեն քեզ չի պատկանում։ Գլուխս իմն էր, ստամոքս իմն էր։ Շատ քաղցած էր ստամոքսս։ Զգում էի, թե ինչպես էր տակնուվրա լինում։ Գլուխս իմն էր, բայց ոչ աշխատում էր, ոչ էլ մտածում։ Հիշում էր միայն, այն էլ՝ քիչ։

Կարող էի Կետրինին հիշել, բայց գիտեի, որ կգժվեմ, եթե հիշեի՝ առանց իմանալու, թե արդյոք նորից կտեսնեմ նրան, ու ես փորձում էի չմտածել նրա մասին քիչ, քիչ մտածել, մտածել միայն դանդաղ շարժվող անիվների աղմուկի տակ, և բրեզենտից թեթև լույս է ներս թափանցում, և ես Կետրինի հետ պառկած եմ վագոնի հատակին։ Դժվար է կոշտ հատակին պառկել, չմտածել ու միայն զգալ, և շատ երկար էր բաժանումը, և շատ թաց էին հագուստներս, և հատակի տախտակները ցնցվում էին երբեմն, և թախիծ էր ինձ պատել, և ես մենակ էի իմ թաց զգեստների մեջ, և կոշտ տախտակներ՝ կնոջ փոխարեն։

Անհնար է սիրել բեռնատար վագոնի տախտակե հատակը կամ բրեզենտե շապիկ հագած և յուղի ու մետաղի հոտ արձակող զենքերը և կամ բրեզենտը, որից անձրև է կաթկթում, թեև շատ հաճելի է բրեզենտի տակ ու զենքերի կողքին պառկելը։ Բայց դու սիրում ես մեկին, որին չես կարող պատկերացնել այստեղ։ Հիմա դու շատ սառն ու պարզ հայացքով ես տեսնում ամեն ինչ։ Ոչ թե սառը, այլ պարզ ու դատարկ հայացքով։ Հիմա, երբ արդեն տեսել ես, թե ինչպես էր բանակներից մեկը նահանջում, իսկ մյուսը՝ հարձակվում, պառկել ես փորիդ վրա, ու նայում ես դատարկ հայացքով։ Դու կորցրիր քո մեքենաները, կորցրիր քո մարդկանց, ինչպես գործակատարն է հրդեհի ժամանակ կորցնում իր բաժին ապրանքները։ Սակայն ունեցվածքը ապահովագրված չէր։ Հիմա դու ազատ ես։ Այլևս ոչ մի պարտականություն չունես։ Եթե հրդեհից հետո գործակատարներին գնդակահարում են միայն նրա համար, որ նրանք օտար առոգանությամբ են խոսում, որով միշտ են խոսել, ուրեմն ոչ ոք իրավունք չունի կարծելու, որ, եթե խանութը բացվի, գործակատարները կվերադառնան։ Նրանք ուրիշ աշխատանք կփնտրեն, եթե, իհարկե, կա ուրիշ աշխատանք, ու եթե ոստիկանությունը չի ձերբակալի նրանց։

Գետը սրբեց տարավ ոչ միայն պարտականության զգացումը, այլ նաև՝ զայրույթը։ Ավելի ճիշտ, այդ զգացումը վերացավ դեռևս այն ժամանակ, երբ կարաբինավորի ձեռքը բռնեց օձիքիցս։ Կուզենայի հանել համազգեստս, թեև երբեք ուշադրություն չեմ դարձրել արտաքին կողմի վրա։ Ճիշտ է, աստղերը պոկեցի, բայց միայն ի սեր հարմարության։ Դա պատվի հարց չէր։ Ոչ ոքի հանդեպ ոխ չունեի։ Պարզապես ինձ համար ամեն ինչ վերջացել էր։ Հաջողություն եմ ցանկանում նրանց։ Նրանց մեջ կային և բարիներ, և քաջեր, և զուսպ մարդիկ, և խելամիտ մարդիկ, ու նրանք արժանի էին այդ մաղթանքին։ Բայց դա ինձ հետ այլևս կապ չուներ, ու ես ցանկանում էի, որ այս անիծյալ գնացքը շուտ հասներ Մեստրե, այն ժամանակ ես կուտեմ ու էլ չեմ մտածի։

Պիանին կասի, որ ինձ գնդակահարեցին։ Նրանք խուզարկում են գնդակահարվածների գրպանները և վերցնում փաստաթղթերը։ Իմ փաստաթղթերը չեն ստանա։ Գուցե համարեն, որ խեղդվել եմ գետում։ Հետաքրքիր է, ի՞նչ կհաղորդեն Միացյալ Նահանգներ։ Մեռավ վերքերի ու այլ պատճառների հետևանքով։ Աստված իմ, սոված եմ։ Հետաքրքրիր է, ի՞նչ եղավ մեր գնդի քահանան։ Եվ Ռինալդին։ Նա երևի Պորդենոնեում է։ Եթե ավելի հեռու չեն նահանջել։ Էլ ինչ, ես այլևս երբեք չեմ տեսնի նրան։ Նրանցից ոչ մեկին այլևս չեմ տեսնի։ Այդ կյանքն ավարտվեց։ Չեմ կարծում, որ սիֆիլիս ունենա։ Համենան դեպս, ասում են, որ դա այնքան էլ լուրջ հիվանդություն չէ, եթե ժամանակին հայտնաբերեն, բայց նա անհանգստանում է։ Ես էլ կանհանգստանայի։ Ամեն մարդ կանհանգստանար։

Ես ստեղծված չեմ մտածելու համար։ Ստեղծված եմ ուտելու համար։ Աստված վկա, ուտել, խմել ու պառկել Կետրինի հետ։ Գուցե հենց ա՛յս գիշեր։ Ոչ, դա անհնար է։ Ուրեմն՝ վաղը գիշեր, և լավ ընթրիք, և սավաններ, և այլևս երբեք չբաժանվել, և միշտ միասին ապրել։ Ըստ երևույթին, ստիպված կլինենք անմիջապես հեռանալ։ Նա կգա։ Գիտեի, որ կգա։ Պետք է մտածել։ Արդեն մթնում էր։ Պառկել մտածում էի, թե ուր գնանք։ Շատ տեղեր կային գնալու։

Գիրք չորրորդ

Գլուխ 33

Վաղ առավոտյան, լուսաբացից առաջ, երբ գնացքը Միլանի կայարանի մոտ դանդաղեցրեց ընթացքը, ես թռա վագոնից։ Անցա ռելսերի վրայով, հայտնվեցի ինչ֊որ շինությունների արանքում, ապա դուրս եկա փողոց։ Գինետներից մեկը բաց էր, ու ես ներս մտա մի բաժակ սուրճ խմելու։ Վաղ առավոտվա, ավլված փոշու, սրճի բաժակների մեջ դրված գդալների ու սեղանի վրա գինու գավաթների թողած հետքերի հոտերն էին տարածվել շուրջը։ Վաճառասեղանի առջև կանգնել էր գինետան տերը։ Սեղաններից մեկի մոտ երկու զինվոր էին նստած։ Մոտեցա վաճառասեղանին, մի բաժակ սուրճ խմեցի ու մի կտոր հաց կերա։ Սուրճը մոխրագույն էր դարձել կաթից, ու ես հացի կեղևով հանեցի փրփուրը։ Տերն ինձ նայեց։

― Գրապպա չե՞ք ուզում։

― Ոչ, շնորհակալություն։

― Իմ հաշվին, ― ասաց նա, մի փոքրիկ բաժակ լցրեց ու մոտեցրեց ինձ։ ― Ի՞նչ նորություն կա ճակատում։

― Չգիտեմ։

― Նրանք հարբած են, ― ասաց նա, ցույց տալով սեղանի մոտ նստած զինվորներին։ Կարելի էր հավատալ նրա խոսքին։ Նրանք իսկապես հարբած էին երևում։

― Պատմեք, ― ասաց նա։ ― Ի՞նչ է կատարվում ճակատում։

― Ես ոչինչ չգիտեմ ճակատի մասին։

― Տեսա, թե դուք ինչպես իջաք։ Թռաք գնացքից։

― Նահանջում են։

― Կարդում եմ թերթերը։ Իսկ ի՞նչ է կատարվում։ Վերջացա՞վ։

― Դժվար թե։

Նա կարճլիկ շշից գրապպա լցրեց բաժակի մեջ։

― Եթե ինչ֊որ բան կարգին չէ, ― ասաց նա, ― ես կարող եմ թաքցնել ձեզ։

― Ամեն ինչ կարգին է։

― Եթե կարգին չէ, այստեղ ապրեք։

― Այստե՞ղ։

― Իմ տանը։ Այստեղ շատերն են ապրում։ Ում գործերը որ կարգին չեն, ինձ մոտ են մնում։

― Եվ ի՞նչ, շատերի՞ գործերը կարգին չեն։

― Նայած, թե ինչ նկատի ունեք։ Դուք Հարավային Ամերիկայի՞ց եք։

― Ոչ։

― Իսպաներեն գիտե՞ք։

― Մի քիչ։

Նա սրբեց վաճառասեղանը։

― Հիմա դժվար է սահմանն անցնել, բայց և այնպես հնարավոր է։

― Ես մտադիր չեմ սահմանն անցնելու։

― Կարող եք այստեղ մնալ ինչքան ուզեք։ Կտեսնեք, թե ես ինչ մարդ եմ։

― Հիմա ես պետք է գնամ, բայց կհիշեմ հասցեն ու կվերադառնամ։

Նա շարժեց գլուխը։

― Եթե այդ ձևով եք խոսում, ուրեմն, չեք վերադառնա։ Իսկ ես կարծում էի, թե ձեր գործերն իսկապես կարգին չեն։

― Կարգին են։ Բայց ինձ համար թանկ է բարեկամի հասցե ունենալ։

Տասը լիրա դրեցի վաճառասեղանին՝ սրճի գինը։

― Գրապպա խմեք ինձ հետ, ― ասացի ես։

― Պարտադիր չէ։

― Խմեք։

Նա երկու բաժակ լցրեց։

― Հիշեք, ― ասաց նա։ ― Եկեք ինձ մոտ։ Ոչ ոքի չվստահեք։ Այստեղ դուք լավ կզգաք։

― Չեմ կասկածում։

― Չե՞ք կասկածում։

― Այո։

Նա լուրջ տեսք ուներ։

― Այդ դեպքում, թույլ տվեք մի բան ասել։ Այս համազգեստով ման չգաք։

― Ինչո՞ւ։

― Թևերի վրա պարզ երևում են պոկված աստղերի տեղերը։ Կտորի գույնն ուրիշ է։

Չպատասխանեցի։

― Եթե փաստաթղթեր չունեք, կարող եմ տալ։

― Ի՞նչ փաստաթուղթ։

― Արձակուրդի։

― Կարիք չկա։ Փաստաթուղթ ունեմ։

― Դե լավ, ― ասաց նա։ ― Բայց եթե կարիք ունենաք, կարող եմ ամեն ինչ ճարել ձեզ համար։

― Իսկ ի՞նչ արժեն այդ փաստաթղթերը։

― Նայած։ Մատչելի գին է։

― Հիմա ոչ մի բանի կարիք չունեմ։

Նա թոթվեց ուսերը։

― Ինձ մոտ ամեն ինչ կարգին է։

Երբ դուրս էի գալիս, նա ասաց․

― Չմոռանաք, որ ես ձեր բարեկամն եմ։

― Չեմ մոռանա։

― Դեռ կհանդիպենք, ― ասաց նա։

― Այո, ― ասացի ես։

Դուրս եկա ու հեռացա կայարանից, որտեղ զինվորական ոստիկաններ կարող էին լինել, և փոքր զբոսայգու ցանկապատի մոտ կառք վարձեցի։ Կառապանին հիվանդանոցի հասցեն տվեցի։ Հիվանդանոց հասնելուց հետո մտա դռնապանի խցիկը։ Կինը համբուրեց ինձ։ Իսկ նա սեղմեց իմ ձեռքը։

― Վերադարձել եք։ Ողջ֊առողջ։

― Այո։

― Նախաճաշե՞լ եք։

― Այո։

― Ինչպե՞ս եք, tenente։ Ինչպե՞ս եք, ― հարցնում էր կինը։

― Հիանալի։

― Չե՞ք նախաճաշի մեզ հետ։

― Ոչ, շնորհակալություն։ Ասեք, խնդրում եմ, միսս Բարկլին հիմա հիվանդանոցո՞ւմ է։

― Միսս Բարկլի՞ն։

― Անգլիացի հիվանդապահուհին։

― Նրա աղջիկը, ― ասաց կինը։

Նա թփթփացրեց թևիս ու ժպտաց։

― Ոչ, ― ասաց դռնապանը։ ― Գնաց։

Սիրտս ճմլվեց։

― Հաստա՞տ գիտեք։ Ես հարցնում էի բարձրահասակ և խարտյաշ ջահել անգլուհու մասին։

― Հաստատ գիտեմ։ Գնացել է Ստրեզա։

― Ե՞րբ է գնացել։

― Երկու օր առաջ, մի ուրիշ անգլիացի հիվանդապահուհու հետ։

― Լավ, ― ասացի ես։ ― Ուզում եմ ձեզ մի բան խնդրել։ Ոչ ոքի չասեք, որ տեսել եք ինձ։ Դա շատ կարևոր է։

― Ոչ ոչի չեմ ասի։

Ես տասը լիրա տվեցի նրան։ Մա մի կողմ հրեց դրամը։

― Խոստանում եմ ոչ ոքի չասել, ― կրկնեց դռնապանը։ ― Փող պետք չէ։

― Ինչո՞ց կարող ենք օգնել, signor tenente, ― հարցրեց կինը։

― Միայն դրանով։

― Մենք համր ենք, ― ասաց դռնապանը։ ― Եթե որևէ բանի կարիք ունենաք, ձայն տվեք։

― Լավ, ― ասացի ես։ ― Ցտեսություն։ Կհանդիպենք դեռ։

Կանգնել էին դռան մեջ ու նայում էին իմ ետևից։

Կառք նստեցի ու կառապանին տվեցի Սիմոնսի հասցեն, իմ այն ծանոթի, որ երգեցողության դասեր էր առնում։

Սիմոնսը քաղաքի մյուս ծայրում էր ապրում, Պորտա Մաջենտայի մոտ։ Երբ սենյակ մտա, նա դեռ անկողնում էր և քնատ էր երևում։

― Չափազանց վաղ եք զարթնում, Հենրի, ― ասաց նա։

― Առավոտվա գնացքով եմ եկել։

― Սա ի՞նչ նահանջ է։ Ճակատում եղե՞լ եք։ Ուզո՞ւմ եք ծխել։ Սեղանի վրա է, տուփի մեջ։

Մեծ սենյակ էր, պատի տակ մահճակալ, դիմացը՝ դաշնամուր, զգեստապահարան և սեղան։ Նստեցի մահճակալի կողքի աթոռին։ Սիմոնսը, բարձերին հենված, ծխում էր։

― Վատ են գործերս, Սիմ, ― ասացի ես։

― Իմ գործերն էլ են վատ, ― ասաց նա։ ― Միշտ էլ վատ են։ Չե՞ք ուզում ծխել։

― Ոչ, ― ասացի ես։ ― Ի՞նչ է պետք Շվեյցարիա գնալու համար։

― Ո՞վ է ուզում գնալ, դո՞ւք։ Իտալացիները ձեզ չեն թողնի։

― Այո։ Գիտեմ։ Իսկ շվեյցարացինե՞րը։ Ի՞նչ կանեն շվեյցարացիները։

― Կներկալեն։

― Գիտեմ։ Բայց ո՞րն է դրա մեխանիկան։

― Առանձնապես ոչինչ։ Շատ պարզ բան է։ Ուր ուզեք՝ կարող եք գնալ։ Կարծեմ պետք է միայն տեղեկացնել կամ նման մի բան։ Ի՞նչ կա։ Ոստիկանությունը հետևո՞ւմ է ձեզ։

― Դեռ պարզ չէ։

― Մի ասեք, եթե չեք ուզում։ Բայց հետաքրքիր էր լսել։ Այստեղ ոչինչ չի պատահում։ Պյաչենայում խայտառակ կերպով տապալվեցի։

― Ցավում եմ։

― Օ, այո․․․ շատ վատ անցավ։ Չնայած լավ էի երգում։ Ուզում եմ մի անգամ էլ փորձել այստեղ, Լիրիկոնում։

― Ափսոս, որ չեմ կարող ներկա լինել։

― Դուք չափազանց քաղաքավարի եք։ Չլինի՞ իսկապես անախորժ պատմության մեջ եք ընկել։

― Չգիտեմ։

― Եթե չեք ուզում, մի ասեք։ Իսկ ինչո՞ւ եք այստեղ և ոչ թե այդ անիծյալ ռազմաճակատում։

― Որոշեցի վերջ տալ, արդեն բավական է։

― Կեցցեք։ Ես միշտ էլ գիտեի, որ ձեր գլուխն աշխատում է։ Կարո՞ղ եմ օգտակար լինել։

― Բայց դուք շատ եք զբաղված։

― Երբեք, իմ սիրելի Հենրի։ Երբեք։ Ուրախ կլինեմ, եթե զբաղվելու բան ունենամ։

― Մենք նույն հասակն ունենք։ Պիտի խնդրեի, որ գնայիք և քաղաքացիական զգեստներ գնեիք ինձ համար։ Ես ունեմ, բայց Հռոմում եմ թողել։

― Դուք այնտեղ ապրել եք, չէ՞։ Գարշելի տեղ է։ Ինչպե՞ս եք դիմացել։

― Ուզում էի ճարտարապետ դառնալ։

― Բնավ ճարտարապետ դառնալու տեղ չէ։ Ոչինչ էլ մի գնեք։ Ինչ որ պետք է, ինքս կտամ։ Ես ձեզ այնպես հագցնեմ, որ անճանաչելի դառնաք։ Հանդերձարան գնացեք։ Սիրելի բարեկամ, դուք ոչ մի բան գնելու կարիք չունեք։

― Բայց ավելի լավ է գնեմ, Սիմ։

― Սիրելի բարեկամ, ինձ համար ավելի հեշտ է տալ, քան գնալ առնել։ Անձնագիր ունե՞ք։ Առանց անձնագրի հեռու չեք գնա։

― Այո։ Պահել եմ հին անձնագիրս։

― Դե, ուրեմն, հագնվեք, սիրելի բարեկամ, և առաջ դեպի հին ու բարի Հելվեցիան։

― Դա այնքան էլ հեշտ չէ։ Նախ պետք է Ստրեզա գնամ։

― Դրանից լավ բա՞ն, սիրելի Բարեկամ։ Նավակ կնստեք և կանցնեք դիմացի ափը։ Եթե ես երգելու փորձեր չանեի, ձեզ հետ կգայի։ Եվ կգամ։

― Կարող եք տիրոլյան ոճի անցնել։

― Եվ կանցնեմ, սիրելի բարեկամ։ Չնայած լավ եմ երգում։ Ու տարօրինակն էլ հենց այդ է։

― Գլուխս կկտրեմ, եթե լավ չեք երգում։

Նա ավելի հարմար տեղավորվեց բարձին ու մի հատ էլ ծխեց։

― Ավելի լավ է չկտրեք ձեր գլուխը։ Չնայած լավ եմ երգում։ Անչափ ծիծաղելի է, բայց լավ եմ երգում։ Սիրում եմ երգել։ Լսեք։ ― Նա մի կտոր մռնչաց «Աֆրիկուհուց», վիզը լարվեց, երակները ցցվեցին։ ― Լավ եմ երգում, ― ասաց նա։ ― Ուզում է հավանեն, ուզում է չհավանեն։

Դուրս նայեցի պատուհանից։

― Գնամ, բաց թողնեմ կառքը։

― Շուտ վերադարձեք, սիրելի բարեկամ, նախաճաշենք միասին։

Նա վեր կացավ անկողնուց, ուղղեց մարմինը, խորը շունչ քաշեց և սկսեց մարզանք անել։ Իջա փողոց ու վճարեցի կառապանին։

Գլուխ 34

Քաղաքացիական հագուստներով կարծես դիմակահանդեսում լինեի։ Երկար ժամանակ էր, ինչ զինվորական համազգեստ էի հագնում և հիմա ձգվածության պակաս էի զգում։ Տաբատը կարծես ընկնում էր վրայիցս։ Միլանում Ստրեզայի տոմս գնեցի։ Գնեցի նաև նոր գլխարկ։ Չէի կարող Սիմի գլխարկը դնել, բայց նրա կոստյումը հիանալի էր։ Ծխախոտի հոտ էր գալիս վրայից, ու երբ նստեցի կուպեում և նայեցի պատուհանից, զգացի, թե ինչքան նոր է գլխարկս և թե ինչքան հին էր կոստյումս։ Իսկ ես պատուհանից երևացող լոմբարդյան թաց դաշտավայրի չափ տխուր էի։ Կուպեում նստել էին մի քանի օդաչուներ, որոնք բանի տեղ չդրին ինձ։ Նրանք խուսափում էին ինձ նայել և արհամարհանք էին տածում այս տարիքում քաղաքացիական զգեստներ հագած մարդկանց հանդեպ։ Ես չվիրավորվեցի։ Առաջ գուցե հենց ինքս վիրավորեի նրանց ու կռիվ սարքեի։ Գալարատեում նրանք իջան, ու ես ուրախ էի, որ մենակ մնացի։ Մոտս թերթ կար, բայց չէի կարդում, որովհետև չէի ուզում կարդալ պատերազմի մասին։ Որոշել էի մոռանալ պատերազմը։ Ես անկախ հաշտություն էի կնքել։ Ահավոր մենակություն էի զգում, ու գնացքը երբ Ստրեզա հասավ, ուրախացա։

Կարծում էի, թե կայարանում հյուրանոցների ներկայացուցիչներ կլինեն, բայց ոչ ոք չկար։ Սեզոնը վաղուց էր վերջացել, ու ոչ ոք չէր դիմավորում գնացքը։ Ճամպրուկը ձեռքիս իջա վագոնից։ Դա Սիմի ճամպրուկն էր ու շատ թեթև էր, որովհետև բացի երկու շապիկից ուրիշ ոչինչ չկար մեջը։ Մինչև գնացքի շարժվելը կանգնեցի կառամատույցում, անձրևի տակ։ Մոտեցա մի մարդու և հարցրի, թե որ հյուրանոցներն են բաց։ Բայց էին Grand Hotel և Des Iles Borromees և մի քանի այլ փոքրիկ հյուրանոցներ, որոնք աշխատում էին կլոր տարին։ Ճամպրուկը ձեռքիս, անձրևի տակ սկսեցի քայլել դեպի Des Iles Borromees հյուրանոցը։ Ճանապարհին մի կառք տեսա ու նշան արեցի, որ կանգնի։ Ավելի լավ է կառքով գնալ։ Մենք մոտեցանք մեծ հյուրանոցի շքամուտքին, և դռնապանը, հովանոցը ձեռքին, դուրս եկավ։ Նա շատ քաղաքավարի էր։

Ես լավ համար ընտրեցի։ Մեծ ու լուսավոր սենյակ էր, պատուհանները նայում էին դեպի լիճը։ Ամպերը կախվել էին լճի վրա, բայց գիտեի, որ արևի տակ գեղեցիկ տեսարան կլինի։ Ասացի, որ կնոջս եմ սպասում։ Ատլասե վերմակով ծածկված երկտեղանի մի մեծ մահճակալ կար, letto matrimoniale:[21] Առաջնակարգ հյուրանոց էր։ Անցա երկար միջանցքով, լայն աստիճաններով իջա ցած ու գնացի բար։ Ես ճանաչում էի բարմենին։ Նստեցի բարձր աթոռակին, աղած նուշ ու տապակած կարտոֆիլ կերա։ Մարտինին սառն էր ու անարատ։

― Ի՞նչ եք անում այստեղ borghese֊ով,[22] ― հարցրեց բարմենը, երկրորդ անգամ խառնելով մարտինին։

― Արձակուրդի մեջ եմ։ Ապաքինման եմ եկել։

― Հիմա ոչ ոք չկա այստեղ։ Չեմ հասկանում, ինչո՞ւ չեն փակում հյուրանոցը։

― Ձուկ որսո՞ւմ եք։

― Մի քանի հիանալի ձուկ եմ բռնել։ Տարվա այս եղանակին կարելի է հիանալի ձկներ որսալ։

― Ստացա՞ք իմ ուղարկած ծխախոտը։

― Այո։ Իսկ դու ստացա՞ք իմ բացիկը։

Ծիծաղեցի։ Չէի կարողացել ծխախոտ գտնել։ Նա ծխամորճի ամերիկյան ծխախոտ էր ուզել, բայց իմ ազգականներն այլևս չէին ուղարկում և կամ ինչ֊որ տեղ բռնագրվում էին այն։ Համենայն դեպս, էլ չէի ստանում։

― Մի կերպ կճարեմ, ― ասացի ես։ ― Քաղաքում երկու անգլուհիների հանդիպե՞լ եք։ Երեկ չէ առաջին օրն են եկել։

― Հյուրանոցում անգլուհիներ չկան։

― Հիվանդապահուհի են։

― Երկու հիվանդապահուհու տեսել եմ։ Մի րոպե, հիմա կիմանամ որտեղ են։

― Նրանցից մեկն իմ կինն է, ― ասացի ես։ ― Եկել եմ տեսնելու նրան։

― Մյուսն էլ իմ կինն է։

― Ես չեմ կատակում։

― Ներեցեք հիմար կատակի համար, ― ասաց նա։ ― Ես չհասկացա։

Դուրս եկավ ու երկար ժամանակ չվերադարձավ։ Ես ձիթապտուղ, աղած նուշ ու տապակած կարտոֆիլ կերա և վաճառասեղանի ետևում կախված հայելու մեջ քաղաքացիական հագուստներով տեսա ինձ։

Բարմենը վերադարձավ։

― Կայարանի կողքին մի փոքր հյուրանոց կա, այնտեղ են, ― ասաց նա։

― Սանդվիչ ունե՞ք։

― Հիմա զանգ կտամ։ Ոչինչ էլ չունեմ, հասկանում եք, հաճախորդ չկա։

― Ի՞նչ է, լրի՞վ դատարկ է հյուրանոցը։

― Մի քանի հոգի կան միայն։

Սանդվիչ բերեցին, ու ես երեք հատ կերա ու մի բաժակ էլ մարտինի խմեցի։ Երբեք ավելի սառը ու ավելի մաքուր բան չէի խմել։ Այդ սառնությունն ու մաքրությունն ինձ նորից քաղաքակիրթ դարձրին։ Երկար ժամանակ է, ինչ կարմիր գինի, վատ սուրճ ու գրապպա էի խմում և հաց ու պանիր ուտում։ Նստել էի բարձր աթոռակին, կարմիր փայտի, բրոնզի ու հայելիների հաճելի շրջապատում ու ոչինչ չէի մտածում։ Բարմենը մի քանի հարց տվեց։

― Մի խոսեք պատերազմի մասին, ― ասացի ես։

Պատերազմն ինչ֊որ հեռու տեղ էր։ Գուցե և ընդհանրապես պատերազմ չկար։ Այստեղ չկար պատերազմ։ Ու ես հասկացա, որ պատերազմն ինձ համար արդեն վերջացել է։ Բայց չէի զգում, թե իսկապես վերջացել է։ Ես նման էի այն աշակերտին, որ փախել է դասերից ու հիմա մտածում է, թե ինչ է կատարվում դպրոցում։

Երբ հյուրանոց եկա, Կետրինն ու Էլեն Ֆերգյուսոնը ճաշում էին սեղանի շուրջը։ Դեմքը չէր երևում, տեսնում էի նրա մազերի ուրվագիծը, և այտերը, և հրաշալի վիզը, և ուսերը։ Ֆերգյուսոնն ինչ֊որ բան էր պատմում։ Երբ ներս մտա, նա լռեց։

― Աստվա՜ծ իմ, ― ասաց նա։

― Հելլո, ― ասացի ես։

― Դո՞ւք եք, ― ասաց Կետրինը։

Դեմքը լուսավորվեց։ Նա անչափ երջանիկ էր, որպեսզի կարողանար հավատալ։ Համբուրեցի նրան։ Կետրինը կարմրեց, ու ես նստեցի սեղանի մոտ։

― Այ թե շփոթեցրիք, ― ասաց Ֆերգյուսոնը։ ― Ի՞նչ գործ ունեք այստեղ։ Ճաշե՞լ եք։

― Ոչ։

Ներս մտավ մատուցողուհին, ու ես նրան ասացի, որ ինձ համար էլ պնակ բերի։ Կետրինը, երջանիկ աչքերով, անընդհատ ինձ էր նայում։

― Ինչի՞ եք մուֆտայով, ― հարցրեց Ֆերգյուսոնը։

― Կաբինետի անդամ եմ դարձել։

― Անախորժ պատմության մեջ եք ընկել։

― Զվարճացեք, Ֆերջի։ Մի քիչ զվարճացեք։

― Ձեզ տեսնելն ինձ չի զվարճացնում։ Գիտեմ, թե ինչ փորձանքի մեջ եք գցել այս աղջկան։ Դուք ինձ համար բնավ էլ զվարճալի պատկեր չեք։

Կետրինը ժպտում էր և սեղանի տակից ոտքով կպչում ինձ։

― Ինձ ոչ մի փորձանքի մեջ չի գցել, Ֆերջի։ Ես ինքս եմ ընկել։

― Ես նրան տանել չեմ կարող, ― ասաց Ֆերգյուսոնը։ ― Նա պարզապես կործանեց ձեզ իտալական իր նենգ խաղերով։ Ամերիկացիներն իտալացիներից էլ վատն են։

― Իսկ շոտլանդացիներն այնքան բարոյական են, ― ասաց Կետրինը։

― Ես այդ մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ նրա իտալական նենգության մասին։

― Մի՞թե ես նենգ եմ, Ֆերջի։

― Այո։ Նենգից էլ վատ եք։ Դուք իսկական օձ եք։ Իտալական համազգեստով ու թիկնոցով օձ։

― Բայց հիմա իտալական համազգեստ չունեմ։

― Դա էլ է մի ավելորդ անգամ ապացուցում ձեր նենգությունը։ Ամբողջ ամառը սեր խաղացիք ու աղջկան երեխայով թողեցիք, իսկ հիմա երևի ուզում եք արանքը ճղել։

Ժպտացի Կետրինին նա էլ ինձ ժպտաց։

― Երկուսս էլ ենք ուզում արանքը ճղել, ― ասաց նա։

― Երկուսդ էլ արժեք իրար, ― ասաց Ֆերգյուոնը։ ― Ես ամաչում եմ ձեր փոխարեն, Կետրին Բարկլի։ Ոչ ամոթ ունեք, ոչ պատիվ, և դուք էլ նրա նման նենգ եք։

― Պետք չէ, Ֆերջի, ― ասաց Կետրինը և թփթփացրեց նրա ձեռքին։ ― Մի հայհոյեք ինձ։ Դուք գիտեք, որ մենք սիրում ենք իրար։

― Հանեք ձեր ձեռքը, ― ասաց Ֆերգյուսոնը։ ― Դեմքը կարմրել էր։ ― Եթե ամոթ ունենայիք, ուրիշ հարց։ Բայց աստված գիտե՝ քանի ամսական հղի եք ու կարծում եք, թե խաղ ու պար է դա և դեռ մինչև ականջներն էլ ժպտում եք, որ ձեզ գայթակղեցնողը վերադարձել է։ Ոչ ամոթ ունեք, ոչ էլ խիղճ։

Նա արտասվեց։ Կետրինը մոտեցավ ու մի ձեռքով գրկեց նրան։ Երբ նա վեր կացավ Ֆերգյուսոնին հանգստացնելու համար, նկատեցի, որ նրա մարմնի կազմվածքը չէր փոխվել։

― Ինձ համար միևնույն է, ― հեծկլտում էր Ֆերգյուսոնը։ ― Միայն թե սոսկալի է։

― Դե, դե, Ֆերջի, ― հանգստացնում էր նրան Կետրինը։ ― Ես ամաչելու եմ։ Մի լացեք, Ֆերջի։ Մի լացեք, իմ լավ Ֆերջի։

― Լաց չեմ լինում, ― հեծկլտում էր Ֆերգյուսոնը։ ― Լաց չեմ լինում։ Միայն երբ հիշում եմ, թե ինչ ահավոր փորձանքի մեջ ընկաք․․․ Նա ինձ նայեց։ ― Ատում եմ ձեզ, ― ասաց նա։ ― Նա չի կարող ստիպել, որ չատեմ ձեզ։ Կեղտոտ և նենգ ամերիկյան իտալացի։

Նրա աչքերն ու քիթը կարմրել էին արտասվելուց։

Կետրինը ժպտում էր ինձ։

― Ինձ գրկելիս մի ժպտացեք նրան։

― Անխոհեմ եք վարվում, Ֆերջի։

― Գիտեմ, ― հեծկլտում էր Ֆերջին։ ― Ուշադրություն մի դարձրեք։ Շատ եմ հուզված։ Անխոհեմ եմ վարվում։ Գիտեմ։ Ուզում եմ, որ երկուսդ էլ երջանիկ լինեք։

― Մենք երջանիկ ենք, ― ասաց Կետրինը։

Ֆերգյուսոնը նորից լաց եղավ։

― Չեմ ուզում, որ այս ձևով երջանիկ լինեք։ Ինչո՞ւ չեք ամուսնանում։ Հո ամուսնացած չե՞ք, ուրիշ կին չունե՞ք։

― Ոչ, ― ասացի ես։

Կետրինը ծիծաղեց։

― Ծիծաղելու ոչինչ չկա, ― ասաց Ֆերգյուսոնը, ― սրանց մեծ մասը կին ունի։

― Կամուսնանանք, Ֆերջի, ― ասաց Կետրինը, ― եթե դա ձեզ հաճույք կպատճառի։

― Պետք չէ ինձ հաճույք պատճառել։ Դուք ինքներդ պետք է ցանկանայիք։

― Շատ զբաղված էինք։

― Այո։ Գիտեմ։ Զբաղված էիք երեխաներ սարքելով։

Կարծում էի, թե նորից կարտասվի, բայց դրա փոխարեն հանկարծ դառնություն զգացվեց ձայնի մեջ։

― Իսկ հիմա, անշուշտ, նրա հետ կգնաք։

― Այո, ― ասաց Կետրինը։ ― Եթե նա ցանկանա։

― Իսկ ե՞ս։

― Վախենո՞ւմ եք մենակ մնալ։

― Այո։

― Այդ դեպքում ձեզ մոտ կմնամ։

― Ոչ, նրա հետ գնացեք։ Հենց հիմա գնացեք։ Էլ ոչ մեկիդ էլ չեմ ուզում տեսնել։

― Ճաշենք, հետո։

― Ոչ։ Հենց հիմա գնացեք։

― Ֆերջի, խոհեմ եղեք։

― Ասում եմ հենց հիմա կորեք։ Երկուսդ էլ գնացեք։

― Գնանք, ― ասացի ես։

Ֆերջին արդեն ձանձրացրեց ինձ։

― Իհարկե, դուք կուզենաք գնալ։ Նույնիսկ ճաշելիս ուզում եք ինձ մենակ թողնել։ Ես վաղուց էի երազում իտալական լճերը տեսնել և այ թե ինչ ստացվեց։ Օ, օ՜, ― հեծկլտաց նա, նայեց Կետրինին, հետո ինչ֊որ բան մնաց կոկորդին ու սկսեց հազալ։

― Մինչև ճաշի վերջը կմնանք, ― ասաց Կետրինը։ ― Ես ձեզ մենակ չեմ թողնի, եթե ուզում եք, որ մնամ։ Ես ձեզ մենակ չեմ թողնի, Ֆերջի։

― Ոչ, ոչ։ Ես ուզում, որ գնաք։ Ուզում եմ, որ գնաք, ― նա սրբեց աչքերը։ ― Ինչքան անխոհեմ եմ։ Շատ եմ խնդրում, ուշադրություն մի դարձրեք։

Մատուցող աղջիկը շատ էր ազդվել այս արցունքներից։ Ու հիմա, երբ հաջորդ ուտելիքը բերեց ու տեսավ, որ վիճակն արդեն ավելի լավ է, մի տեսակ հանգստացավ կարծես։

Գիշերը՝ հյուրանոցում, մեր սենյակում, որի դռան ետևում երկար ու դատարկ միջանցքն է, և մեր կոշիկները դռան առջև, և հաստ մի գորգ սենյակի հատակին, և անձրև պատուհանից դուրս, և սենյակում լույս, հաճույք ու ցնծություն, հետո՝ մութ, և բարակ սավանների ու հարմարավետ մահճակալի հուզում, և ուրախ զգացում, որ տուն ես վերադարձել, որ այլևս մենակ չես, և երբ արթնանաս գիշերը, մյուսը չի անհետացել, առաջվա պես պառկած է տեղում։ Եվ մնացած ամեն ինչն անիրական է։ Հոգնելիս քնում էինք, իսկ արթնանալիս, երկուսս էինք արթնանում, ու մեզնից ոչ մեկն այլևս մենակ չէր։ Հաճախ տղամարդն ուզում է մենակ մնալ, կինն էլ է ուզում մենակ մնալ, ու եթե սիրում են իրար, երկուսին էլ վիրավորանք է պատճառում այդ ցանկությունը։ Բայց ես կարող եմ անկեղծորեն ասել, որ մենք այդպես չէինք։ Երբ միասին էինք, երկուսո՛վ էինք մենակ, մենակ էինք մյուսների մեջ։ Կյանքումս առաջին անգամ էի զգում այդ։ Շատ կանանց հետ եմ եղել, սակայն միշտ մենակ եմ մնացել, իսկ դա ամենամեծ մենակությունն է։ Բայց երբ մենք միասին էինք լինում, երբեք մենակություն ու վախ չէինք զգում։ Գիտեմ, որ գիշերը տարբեր է ցերեկից, որ փոխվում է ամեն ինչ, որ գիշերվանն անհնար է ցերեկը բացատրել, որովհետև արդեն գոյություն չունի, ու եթե մարդ արդեն մենակ է զգում իրեն, ապա գիշերն այդ մենակությունն էլ ահավոր է դառնում։ Բայց երբ Կետրինի հետ ես, ոչ մի տարբերություն չկա գիշերվա ու ցերեկվա միջև, միայն մի բանն է տարբեր, գիշերը նույնիսկ ավելի հաճելի է։ Քանի որ մարդիկ այսքան արիություն են իրենց հետ աշխարհ բերում, աշխարհը պետք է սպանի այդ մարդկանց, որպեսզի կոտրի ու ընկճի նրանց, ու հենց դրա համար էլ սպանո՛ւմ է։ Աշխարհը բոլորին է կոտրում և ընկճում և դրանից հետո, այդպես կոտրված ու ընկճված, շատերն է՛լ ավելի ամուր են դառնում։ Բայց ովքեր չեն կոտրվում և չեն ընկճվում, նրան էլ է սպանում աշխարհը։ Առանց խտրության նա սպանում է ամենալավերին, ամենաքաջերին, իսկ եթե դու ոչ մեկն ես, ոչ էլ մյուսը, կարող ես վստահ լինել, որ միևնույն է, քե՛զ էլ կսպանի, միայն թե առանց շտապելու։

Հիշում եմ, թե ինչպես արթնացանք առավոտյան։ Կետրինը քնած էր դեռ, և արևի լույսն ընկել էր սենյակ։ Անձրևը դադարել էր, ու ես վեր կացա անկողնուց, մոտեցա պատուհանին։ Ներքևում պարտեզներ էին տարածված, որոնք մերկ էին հիմա, բայց գեղեցիկ ու կանոնավոր․ մանրախճով ծածկված արահետներ, ծառեր, լճի շուրջ՝ քարե պարիսպ, արևի տակ՝ լիճ, իսկ հեռվում՝ լեռներ։ Կանգնել, դիտում էի պատուհանից, ու երբ շրջվեցի, տեսա, որ Կետրինն արդեն արթնացել ու ինձ էր նայում։

― Ինչպե՞ս ես, սիրելիս, ― հարցրեց նա։ ― Լավ օր է, չէ՞։

― Ինչպե՞ս ես զգում։

― Շատ լավ։ Ինչ հրաշալի գիշեր էր։

― Ուզո՞ւմ ես նախաճաշել։

Ուզում էր նախաճաշել։ Ես էլ էի ուզում, ու մենք անկողնում կերանք, նոյեմբերյան արևը թափանցել էր լուսամուտից, ու ես նախաճաշի սկուտեղը ծնկներիս էի դրել։

― Չե՞ս ուզում թերթ կարդալ։ Հիվանդանոցում միշտ կարդում էիր։

― Ոչ, ― ասացի ես։ ― Հիմա չեմ ուզում։

― Ուրեմն, այնքան վատ է եղել, որ կարդա՞լ էլ չես ուզում։

― Այո, չեմ ուզում այդ մասին կարդալ։

― Ափսոս, որ չեմ եղել քեզ հետ, ես էլ ամեն ինչ կիմանայի։

― Եթե մի օր գլխումս տեղավորվի, կպատմեմ։

― Իսկ քեզ չե՞ն ձերբակալի, եթե առանց համազգեստի տեսնեն։

― Երևի կգնդակահարեն։

― Այդ դեպքում մենք չպետք է այստեղ մնանք։ Պետք է արտասահման անցնենք։

― Արդեն մտածել եմ այդ մասին։

― Կգնանք։ Սիրելիս, պետք չէ իզուր տեղ վտանգի երթարկվել։ Ասա, ինչպե՞ս ես Մեստրեից Միլան հասել։

― Գնացքով։ Այն ժամանակ դեռ համազգեստով էի։

― Իսկ դա վտանգավոր չէ՞ր։

― Ոչ այնքան։ Ես երթևեկության արտոնյալ վկայական ունեի։ Մեստրեում փոխեցի թվականը։

― Սիրելիս, այստեղ ամեն րոպե կարող են քեզ ձերբակալել։ Չեմ ուզում։ Ինչպե՞ս կարելի է այդպիսի հիմարություն անել։ Իսկ ի՞նչ կլինի մեր վիճակը, եթե քեզ բռնեն։

― Արի այդ մասին չմտածենք։ Հոգնել եմ մտածելուց։

― Ի՞նչ կանես, եթե ձերբակալելու գան։

― Կկրակեմ։

― Տեսնո՞ւմ ես ինչ հիմար ես, մինչև մեր գնալը չեմ թողնի, որ հյուրանոցից դուրս գաս։

― Իսկ ո՞ւր ենք գնալու։

― Խնդրում եմ, այդպես մի խոսիր, սիրելիս։ Ուր որ ուզես կգնանք։ Բայց այնպիսի մի տեղ ընտրիր, որ հենց հիմա էլ կարողանանք գնալ։

― Լճի մյուս ափը Շվեյցարիան է, կարող ենք այնտեղ գնալ։

― Շատ լավ կլինի։

Ամպերը դարձյալ կուտակվեցին, ու լիճն սկսեց մթնել։

― Չեմ ուզում միշտ հանցագործի նման ապրել, ― ասացի ես։

― Այդպես մի խոսիր, սիրելիս։ Այդ երբվանի՞ց ես հանցագործի պես ապրում։ Էլ չենք ապրի հանցագործի պես։ Սրանից հետո երջանիկ կլինենք։

― Ես հանցագործ եմ զգում ինձ։ Դասալքել եմ բանակը։

― Սիրելիս, խնդրում եմ խելքդ գլուխդ հավաքիր։ Ոչ մի դասալքություն։ Չէ՞ որ դա իտալական բանակ է։

Ես ծիծաղեցի։

― Իմ խելոք աղջիկ։ Արի նորից անկողին մտնենք։ Երբ անկողնում ենք, ինձ համար ամեն ինչ փոխվում է։

Քիչ անց Կետրինն ասաց․

― Էլ հանցագործ չես զգում քեզ, չէ՞։

― Ոչ, ― ասացի ես։ ― Երբ քեզ հետ եմ, չեմ զգում։

― Ինչ հիմար տղա ես, ― ասաց նա։ ― Բայց ես կհետևեմ քեզ։ Լավ է, չէ՞, որ առավոտները սիրտս չի խառնում։

― Հիանալի է։

― Չես գնահատում, թե ինչ հրաշալի կին ունես։ Բայց դա ինձ համար նշանակություն չունի։ Ես քեզ մի այնպիսի տեղ կտանեմ, որ չկարողանան ձերբակալել, և մենք հիանալի կապրենք միասին։

― Արի հենց հիմա գնանք։

― Գնանք սիրելիս։ Երբ ուզես, ուր ուզես։

― Արի ոչ մի բանի մասին չմտածենք։

― Արի։

Գլուխ 35

Կետրինը լճափով գնաց փոքրիկ հյուրանոցը՝ Ֆերգյուսոնին տեսնելու, իսկ ես, բարում նստած, թերթ էի կարդում։ Բարում կաշվե հարմարավետ բազկաթոռներ կային, ու ես մինչև բարմենի գալը բազկաթոռներից մեկի մեջ նստած, կարդում էի։ Բանակը Տոլյամենտոյում կանգ չէր առել։ Նահանջում էին դեպի Պիավե։ Հիշեցի Պիավեն։ Սան֊Դոնայի մոտ երկաթուղին հատում էր Պիավեն ու գնում դեպի ռազմաճակատ։ Գետն այդ մասում խորն էր և դանդաղահոս, և նեղ։ Գետի ստորին հոսանքներում մոծակներով լի ճահճուտներ ու ջրանցքներ կային։ Եվ մի քանի գեղեցիկ առանձնատուն։ Մի անգամ, պատերազմից առաջ, Կորտինա դ'Ամպեցցո ուղևորվելիս, մի քանի ժամ գնացել եմ լեռնային գետի ափով։ Պիավեն այստեղ նման էր ժայռի ստվերի մեջ թաքնված նեղ ծանծաղուտներով մի գետի, որ հարուստ էր կարմրախայտով։ Կադորեում ճանապարհը թեքվում, հեռանում էր գետից։ Մտածում էի, թե ինչպես էր բանակն այդտեղից իջնելու։ Հետո մտավ բարմենը։

― Կոմս Գրեֆին ձեզ էր փնտրում, ― ասաց նա։

― Ո՞վ։

― Կոմս Գրեֆին։ Հիշո՞ւմ եք, երբ անցյալ անգամ եկաք, մի ծերուկի հետ ծանոթացաք։

― Այստե՞ղ է հիմա։

― Այո, ազգականուհու հետ։ Ասացի, որ դուք էլ եք եկել։

― Իսկ հիմա որտե՞ղ է։

― Գնացել է զբոսնելու։

― Ինչպե՞ս է։

― Ամեն տարի ջահելանում է։ Անցած գիշեր, ճաշից առաջ երեք բաժակ շամպայնով կոկտեյլ խմեց։

― Իսկ բիլիարդի՞ գործերն ինչպես են։

― Լավ են։ Տանում է ինձ։ Երբ իմացավ, որ եկել եք, շատ ուրախացավ։ Մարդ չկա, որ հետը խաղա։

Կոմս Գրեֆին իննսունչորս տարեկան էր։ Ալեհեր, սպիտակած բեղերով և բարեկիրթ շարժուձևով այդ ծերուկը եղել է Մետերնիխի ժամանակակիցը։ Դիվանագիտական ծառայության մեջ է եղել թե ավստրիացիների, թե իտալացիների մոտ, իսկ նրա ծննդյան տարեդարձը միշտ էլ Միլանի աշխարհիկ կյանքի ամենամեծ իրադարձություններից մեկն էր։ Նա վճռել էր մինչև հարյուր տարեկան ապրել և զարմանալի թեթևությամբ էր բիլիարդ խաղում, մի բան, որ բնավ չէր համապատասխանում իննսունչորս տարեկան ծերուկի չորացած մարմնին։ Ես նրան հանդիպել եմ, երբ մի անգամ, սեզոնի վերջում Ստրեզա էի եկել, ու մենք շամպայն էինք խմում բիլիարդ խաղալու ժամանակ։ Ես համարեցի, որ դա հրաշալի սովորություն էր, ու նա ինձ տասնհինգ աչք առաջ տվեց ու հաղթեց։

― Ինչո՞ւ չասացիր, որ նա այստեղ է։

― Մոռացա։

― Էլ ո՞վ կա։

― Մյուսներին չեմ ճանաչում։ Հյուրանոցում ընդամենը վեց հոգի են ապրում։

― Իսկ հիմա ի՞նչ եք անելու։

― Ոչ մի բան։

― Գնանք ձուկ որսանք։

― Մի ժամով կարող եմ։

― Գնացինք։ Կարթը չմոռանաք։

Բարմենը հագավ վերարկուն, և մենք դուրս եկանք։ Իջանք ափ, նավակ վերցրինք, ու սկսեցի թիավարել, իսկ բարմենը նստել էր նավախելին ու բռնել՝ ծայրին սպինինգ ունեցող կարթից, որով լճերում կարմրախայտ են որսում։ Մենք գնում էինք ափի կողքով, բարմենը բռնել էր կարթը ու երբեմն ցնցում էր այն։ Լճի կողմից Ստրեզան շատ ամայի է թվում։ Երևում էին մերկ ծառերի երկար շարքերը, մեծ հյուրանոցներն ու պարսպապատ առանձնատները։ Շրջվեցի դեպի Իզոլա Բելլա և սկսեցի թիավարել ափի մոտ, որտեղ լիճը միանգամից խորանում էր ու երևում էր, թե ինչպես է ժայռերի պատը ուղղաձգորեն իջնում թափանցիկ ջրի մեջ։ Հետո մենք հեռացանք ափից և ուղղվեցինք դեպի ձկնորսների կղզին։ Արևը մտավ ամպի տակ, և ջուրը մուգ էր, և հանդարտ և շատ պաղ։ Չկարողացանք ձուկ բռնել, թեև մի քանի անգամ մոտեցող ձկների օղակներ երևացին ջրի վրա։

Հասանք ձկնորսների կղզին, որի ափին նավակներ էին շարված, և մարդիկ ցանցերն էին վերանորոգում։

― Չգնա՞նք մի բան խմենք։

― Գնանք։

Նավակը մոտեցրի քարափին, և բարմենը հանեց կարթը, փաթաթեց, սպինինգը դրեց հատակին և կախեց նավաշրթից։ Ես դուրս եկա ու կապեցի նավակը։ Մտանք մի փոքրիկ սրճարան, նստեցինք փայտե սեղանի մոտ և վերմուտ պատվիրեցինք։

― Հոգնեցի՞ք։

― Ոչ։

― Վերադարձին ես կթիավարեմ, ― ասաց նա։

― Ես սիրում եմ թիավարել։

― Եթե կարթը դուք բռնեք, գուցե բախտներդ ժպտա։

― Լավ։

― Ասեք, խնդրում եմ, ի՞նչ վիճակում է պատերազմը։

― Գարշելի։

― Ես չպետք է գնամ։ Ես էլ կոմս Գրեֆիի նման շատ ծեր եմ։

― Գուցե դեռ ստիպված լինեք գնալ։

― Մյուս տարի երևի կկանչեն։ Բայց ես չեմ գնա։

― Իսկ ի՞նչ եք անելու։

― Կփախչեմ արտասահման։ Չեմ ուզում պատերազմի գնալ։ Հաբեշստանում արդեն մի անգամ մասնակցել եմ պատերազմի։ Բավական է։ Իսկ դո՞ւք ինչու գնացիք։

― Չգիտեմ։ Հիմարությո՛ւն արեցի։

― Էլի ուզո՞ւմ եք վերմուտ։

― Լավ, խմենք։

Վերադարձին բարմենն էր թիավարում։ Մենք անցանք Ստրեզայից, հետո ափից չհեռանալով, նորից վերադարձանք։ Բռնել էի ձիգ կարթը և անընդհատ զգում էի պտտվող սպինինգի թեթևակի ցնցումները ու նայում նոյեմբերյան մուգ ջրին և ամայի ափին։ Բարմենը թիավարում էր լայն հարվածներով, ու երբ նավակը առաջ էր մղվում, կարթն սկսում էր թրթռալ։ Մի անգամ ձուկը բռնեց խայծից, կարթը հանկարծ ձգվեց ու ծանրացավ։ Ես քաշեցի ու զգացի կարմրախայտի կենդանի ծանրությունը, բայց հենց այդ ժամանակ կարթը նորից թրթռաց։ Ձուկը պոկվել, փախել էր։

― Խոշո՞ր էր։

― Բավականին։

― Մի անգամ մենակ էի որսի դուրս եկել ու կարթն ատամներով էի բռնել, հանկարծ այնպես ձգվեց, որ քիչ էր մնում ծնոտս պոկվեր։

― Ամենից հարմարը ոտքին կապելն է, ― ասացի ես։ ― Եվ կարթի ամեն մի շարժումն ես զգում, և ատամներդ չես կորցնում։

Ձեռքս մտցրի ջրի մեջ։ Շատ սառն էր։ Հիմա մենք գրեթե հյուրանոցի դիմացն էինք։

― Ես պետք է գնամ, ― ասաց բարմենը։ ― Պետք է ժամը տասնմեկին այնտեղ լինեմ։ L'heure du cocktail:[23]

― Լավ։

Կարթը հանեցի ջրից և փաթաթեցի մի նշաձողի վրա։ Բարմենը նավակը մտցրեց քարափի փոքրիկ նեղանցքի մեջ և շղթայով ու կողպեքով ամրացրեց։

― Երբ որ նավակի կարիք ունենաք, ― ասաց նա, ― բանալին կտամ ձեզ։

― Շնորհակալություն։

Գնացինք հյուրանոց և մտանք բար։ Չուզեցի առավոտ վաղ նորից խմել ու բարձրացա մեր սենյակը։ Աղախինն արդեն մաքրել էր սենյակը, և Կետրինը դեռ չէր վերադարձել։ Պառկեցի մահճակալի վրա ու աշխատեցի ոչ մի բանի մասին չմտածել։

Երբ Կետրինը վերադարձավ, նորից ամեն ինչ լավ էր ինձ համար։ Ֆերգյուսոնը ներքևում է, ― ասաց նա։ Մեզ հետ է նախաճաշելու։

― Ես գիտեի, որ դեմ չես լինի, ― ասաց Կետրինը։

― Իհարկե, ― ասացի ես։

― Ի՞նչ է պատահել, սիրելիս։

― Չգիտեմ։

― Իսկ ես գիտեմ։ Անելու բան չունես։ Քո ամբողջ ունեցած֊չունեցածը ես եմ, իսկ ես թողել, գնացել էի։

― Ճիշտ է։

― Ներիր, սիրելիս։ Գիտեմ, երևի ահավոր զգացում է, երբ հանկարծ այլևս ոչինչ չի մնում։

― Իմ կյանքը միշտ լցված է եղել, ― ասացի ես։ ― Եվ հիմա, երբ դու ինձ մոտ չես, աշխարհն ինձ համար դատարկվում է։

― Բայց ես քեզ հետ կլինեմ։ Ես միայն երկու ժամով գնացի։ Չե՞ս կարող որևէ զբաղմունք գտնել։

― Բարմենի հետ գնացի ձուկ որսալու։

― Լա՞վ էր։

― Այո։

― Երբ քեզ հետ չեմ, մի մտածիր իմ մասին։

― Ճակատում փորձում էի չմտածել։ Բայց այդ ժամանակ գոնե անելու բան կար։

― Պաշտոնաթող Օթելլո, ― կատակեց նա։

― Օթելլոն նեգր էր, ― ասացի ես։ ― Բացի այդ, ես խանդոտ չեմ։ Պարզապես այնքան եմ քեզ սիրում, որ ինձ համար ուրիշ ոչինչ գոյություն չունի։

― Խելոք կմնաս ու սիրալիր կլինես Ֆերգյուսոնի հետ։

― Ես միշտ էլ սիրալիր եմ Ֆերգյուսոնի հետ, քանի դեռ նա չի անիծում ինձ։

― Սիրալիր եղիր հետը։ Չէ՞ որ մենք շատ բան ունենք, իսկ նա ոչինչ չունի։

― Չեմ կարծում, որ նա ցանկանա մեր ունեցածը։

― Խելացի տղա ես, սիրելիս, բայց ոչինչ չես հասկանում։

― Սիրալիր կլինեմ հետը։

― Չեմ կասկածում։ Դու շատ լավն ես։

― Բայց հետո չի մնա, չէ՞։

― Ոչ։ Այնպես կանեմ, որ գնա։

― Եվ հետո վեր կբարձրանանք, չէ՞։

― Իհարկե։ Իսկ ի՞նչ էիր կարծում։

Մենք իջանք Ֆերգյուսոնի հետ նախաճաշելու։ Հյուրանոցն ու շքեղ ռեստորանը մեծ տպավորություն էին գործել նրա վրա։ Մենք հիանալի նախաճաշեցինք ու խմեցինք երկու շիշ կապրի։ Ռեստորան մտավ կոմս Գրեֆին և գլուխ տվեց մեզ։ Նրա հետ էր նաև ազգականուհին, որը մի փոքր հիշեցնում էր իմ տատիկին։ Ես նրա մասին պատմեցի Կետրինին ու Ֆերգյուսոնին, և իմ պատմածը մեծ տպավորություն գործեց Ֆերգյուսոնի վրա։ Հյուրանոցը շատ էր մեծ, և շքեղ, և դատարկ, բայց կերակուրները համեղ էին, գինին շատ հաճելի և, ի վերջո, գինին բարձրացրեց մեր բոլորի տրամադրությունը։ Կետրինը երբեք այսքան լավ չէր զգացել։ Նա շատ երջանիկ էր։ Ֆերգյուսոնն աշխուժացել էր։ Ինձ համար էլ էր շատ հաճելի։ Նախաճաշից հետո Ֆերգյուսոնը վերադարձավ իր հյուրանոցը։ Ասաց, որ նախաճաշից հետո ուզում է մի քիչ պառկել։

Օրվա վերջին ինչ֊որ մեկը բախեց մեր դուռը։

― Ո՞վ է։

― Կոմս Գրեֆին ուզում է իմանալ, բիլիարդ կխաղա՞ք, թե ոչ։

Նայեցի ժամացույցին։ Թևիցս հանել, բարձի տակ էի դրել։

― Պետք է անպայմա՞ն գնալ, սիրելիս, ― փսփսաց Կետրինը։

― Երևի պետք է։ ― Չորսն անց էր տասնհինգ րոպե։ Ես բարձրաձայն ասացի․ ― հաղորդեցեք Գրեֆիին, որ ժամը հինգին բիլիարդանոցում կլինեմ։

Հինգից քառորդ պակաս համբուրեցի Կետրինին ու լոգարան մտա հագնվելու։ Փողկապ կապելիս նայում էի հայելու մեջ, ու տարօրինակ էր թվում, որ քաղաքացիական զգեստ եմ հագել։ Չմոռանամ, որ պետք է մի քանի շապիկ ու գուլպա գնել։

― Երկա՞ր ժամանակով ես գնում, ― հարցրեց Կետրինը։ Նա շատ գեղեցիկ էր անկողնում։ ― Սանրս չե՞ս տա։

Նայում էի, թե նա ինչպես էր սանրվում, թեքել էր գլուխը, և մազերը մի կողմի վրա էին թափվել։ Դրսում արդեն մութ էր, մահճակալի գլխավերևում վառվող լույսը ընկնում էր նրա մազերի, և պարանոցի, և ուսերի վրա։ Մոտեցա, համբուրեցի նրան, մի կողմ տարա ձեռքը և նրա գլուխը խոնարհվեց բարձին։ Համբուրեցի նրա վիզն ու ուսերը։ Այնքան էի նրան սիրում, որ գլխապտույտ էի զգում։

― Չեմ ուզում գնալ։

― Ես էլ չեմ ուզում, որ գնաս։

― Ուրեմն, չեմ գնա։

― Ոչ։ Գնա։ Դա երկար չի տևի չէ՞, և շուտ կվերադառնաս։

― Այստեղ կճաշենք, մեր սենյակում։

― Գնա և շուտ վերադարձիր։

Կոմս Գրեֆին բիլիարդանոցում էր։ Նա տարբեր հարվածների վարժություններ էր կատարում և բիլիարդի սեղանի վրա վառվող լույսի տակ թվում էր շատ փխրուն։ Քիչ այն կողմ, ստվերի մեջ, թղթախաղի մի սեղան կար, սեղանի վրա՝ սառույցով լցված արծաթե մի դույլ, որի միջից դուրս էին ցցվել շամպայնի երկու շշերի վզիկներն ու խցանները։ Երբ ներս մտա, կոմս Գրեֆին ուղղեց մարմինն ու ընդառաջ եկավ։ Սեղմեց ձեռքս։

― Շատ ուրախ եմ ձեզ տեսնելուս։ Զգացված եմ, որ համաձայնեցիք խաղալ հետս։

― Ես էլ եմ զգացված, որ հրավիրեցիք ինձ։

― Ինչպե՞ս է ձեր առողջությունը։ Լսել եմ, որ վիրավորվել եք Իզոնցոյում։ Հուսով եմ, որ արդեն լավ եք։

― Շատ լավ եմ։ Իսկ դո՞ւք։

― Օ, ես միշտ առողջ եմ։ Միայն թե ծերանում եմ։ Արդեն նկատում եմ ծերության նշանները։

― Դժվար է հավատալ։

― Այո։ Ուզո՞ւմ եք, մի օրինակ բերեմ։ Հիմա ինձ համար ավելի հեշտ է իտալերեն խոսել։ Ես ստիպում եմ ինձ, բայց երբ որ հոգնում եմ, ավելի հեշտ եմ իտալերեն խոսում։ Դա վկայում է, որ ծերանում եմ արդեն։

― Կարող եք իտալերեն խոսել։ Ես էլ եմ մի քիչ հոգնած։

― Օ, բայց եթե դուք հոգնել եք, ուրեմն, ձեզ համար ավելի հեշտ է անգլերեն խոսել։

― Ամերիկերեն։

― Այո։ Ամերիկերեն։ Խնդրեմ, ամերիկերեն խոսեք։ Սքանչելի լեզու է։

― Ես հազվադեպ եմ ամերիկացիների հանդիպում։

― Երևի կարոտում եք նրանց։ Ձանձրալի է առանց հայրենակիցների և հատկապես առանց հայրենակցուհիների։ Փորձից գիտեմ։ Խաղա՞նք, թե՞ շատ եք հոգնած։

― Հոգնած չեմ։ Պարզապես կատակեցի։

― Քանի՞ աչք եք տալիս։

― Շատ եք խաղացել վերջերս։

― Բնավ չեմ խաղացել։

― Դուք շատ լավ եք խաղում։ Տա՞սը աչք։

― Դուք գերագնահատում եք ինձ։

― Տասնհի՞նգ։

― Իհարկե լավ է, բայց միևնույն է, դուք ինձ կհաղթեք։

― Դրամի՞ վրա խաղանք։ Դուք միշտ նախընտրում էիք դրամի վրա խաղալ։

― Համաձայն եմ։

― Լավ։ Ես ձեզ տասնութ աչք եմ տալիս, ամեն աչքը՝ մի ֆրանկ։

Նա հրաշալի խաղաց, ու թեև ես առավելություն ունեի, բայց խաղի կեսին միայն չորս միավորով էի նրանից առաջ։ Կոմս Գրեֆին սեղմեց կոճակի զանգը ու կանչեց բարմենին։

― Մի շիշը բացեք, ― խնդրում եմ, ― ասաց նա։ Հետո դարձավ ինձ, ― մի֊մի բաժակ խմենք, տրամադրություններս բարձրանա։

Գինին սառն էր, և շատ չոր, և հաճելի։

― Իտալերեն չխոսե՞նք։ Դեմ չե՞ք։ Հիմա դա իմ թուլությունն է։

Մենք շարունակեցինք խաղալ, ընդմիջումներին գինի ըմպելով ու իտալերեն խոսելով, բայց քիչ էինք խոսում ու կենտրոնացել էինք խաղի վրա։ Կոմս Գրեֆին հարյուրերորդը խփեց, իսկ ես, չնայած ունեցած առավելությանս, ընդամենը իննսունչորս միավոր էի շահել։ Նա ժպտաց ու թփթփացրեց ուսիս։

― Հիմա մենք մյուս շիշն էլ կխմենք, ու դուք մի քիչ պատերազմի մասին կպատմեք։ ― Սպասում էր, որ նստեմ։

― Գուցե ուրիշ բանի մասին, ― ասացի ես։

― Չե՞ք ուզում, դե լավ։ Ի՞նչ եք կարդացել վերջերս։

― Ոչինչ, ― ասացի ես։ ― Կարգին բթացել եմ։

― Ոչ։ Բայց կարդալ անհրաժեշտ է։

― Ինչ է գրվել պատերազմի տարիներին։

― Բարբյուս անունով մի ֆրանսիացի գրել է «Le feu»[24] վեպը։ Հետո՝ «Հետո «Միստր Բրիթլինգն ամեն ինչ տեսնում է»։

― Ոչ, չի տեսնում։

― Ի՞նչ։

― Ամեն ինչ չի տեսնում։ Այդ գրքերը հիվանդանոցում կային։

― Ուրեմն, ինչ֊որ բան այնուամենայնիվ կարդացել եք։

― Այո, բայց ոչ մի լավ գիրք։

― Ինձ թվում է, որ «Միստր Բրիթլինգում» շատ ճիշտ է ուսումնասիրված անգլիական միջին դասակարգի ոգին։

― Ես չգիտեմ, թե ինչ բան է ոգին։

― Խեղճ տղա։ Ոչ ոք չգիտի, թե ոգին ինչ է։ ― Ու հարցրեց, ― դուք croyant[25] եք։

― Գիշերները։

Կոմս Գրիֆին ժպտաց և սկսեց մատներով պտտեցնել բաժակը։

― Կարծում էի, որ ինչքան ծերանամ, այնքան աստվածավախ կդառնամ, բայց չգիտես ինչու, այդպես չեղավ, ― ասաց նա։ ― Շատ եմ ցավում։

― Կուզենայի՞ք մահից հետո ապրել, ― հարցրի ես և անմիջապես զգացի, որ հիմարություն էր մահվան մասին խոսելը։ Բայց նա բանի տեղ չդրեց այդ բառը։

― Նայած ինչպես ես ապրում։ Այս կյանքը շատ հաճելի է։ Կուզենայի հավիտյան ապրել։ ― Նա ժպտաց։ ― Դա ինձ գրեթե հաջողվել է։

Մենք նստել էինք խոր բազկաթոռների մեջ, մեջտեղում՝ մի սեղան, որի վրա դրված էին մեր բաժակները և շամպայնի շշերով արծաթե դույլը։

― Եթե իմ տարիքին հասնեք, շատ բաներ ձեզ տարօրինակ կթվան։

― Դուք ծերունու նման չեք։

― Մարմինն է ծերանում։ Երբեմն վախենում եմ, որ ահա ուր որ է մատս կավիճի ծայրի պես կպոկվի ու կընկնի։ Իսկ ոգին չի ծերանում և իմաստությունը չի ավելանում։

― Դուք իմաստուն եք։

― Ոչ, մոլորություն է կարծել, թե ծերուկներն իմաստուն են։ Ծերուկներն իմաստուն չեն։ Միայն զգույշ են։

― Գուցե հենց դա է իմաստությունը։

― Դա շատ անդուրեկան իմաստություն է։ Ի՞նչն եք ամենից շատ գնահատում։

― Սիրած կնոջը։

― Ես էլ։ Դա իմաստություն չէ։ Գնահատո՞ւմ եք կյանքը;

― Այո։

― Ես էլ։ Որովհետև դա միակ բանն է, որ ունեմ։ Մեկ էլ՝ ծննդյան տարեդարձները, ― ծիծաղեց նա։ ― Ըստ երևույթին, դուք ինձանից ավելի իմաստուն եք։ Չեք տոնում ձեր տարեդարձները։

Երկուսս էլ գինի էինք խմում։

― Իսկապես, ի՞նչ ես մտածում պատերազմի մասին, ― հարցրեց նա։

― Մտածում եմ, որ պատերազմը տխմարություն է։

― Ո՞վ կհաղթի։

― Իտալացիները։

― Ինչո՞ւ։

― Նրանք ավելի երիտասարդ ազգ են։

― Մի՞թե երիտասարդ ազգերը միշտ հաղթում են պատերազմում։

― Որոշ ժամանակ ընդունակ են լինում դրան։

― Իսկ հետո՞։

― Հետո դառնում են ծեր ազգեր։

― Իսկ դուք ասում էիք, թե իմաստուն չեք։

― Սիրելի տղաս, դա իմաստություն չէ։ Ցինիզմ է։

― Բայց ինձ շատ իմաստուն թվաց։

― Ոչ այնքան։ Ես կարող եմ նաև հակառակ ապացույցներ բերել, բայց դա վատ չէ։ Շամպայն չմնա՞ց։

― Գրեթե։

― Ուզո՞ւմ եք էլի խմել։ Հետո գնալու եմ զգեստս փոխեմ։

― Գուցե հիմա չարժե։

― Իսկապե՞ս չեք ուզում։

― Այո։

Նա վեր կացավ։

― Ցանկանում եմ, որ շատ բախտավոր լինեք, շատ երջանիկ և շատ, շատ առողջ։

― Շնորհակալություն։ Իսկ ես ցանկանում եմ, որ հավիտյան ապրեք։

― Շնորհակալություն։ Այդպես էլ անում եմ։ Ու եթե մի օր աստվածավախ դառնաք, աղոթեցեք ինձ համար, երբ ես մեռնեմ։ Ես իմ բարեկամներին արդեն խնդրել եմ այդ մասին։ Կարծում էի, որ ինքս էլ աստվածավախ կդառնամ, բայց չդարձա։

Ինձ թվաց, թե նա տխուր ժպտաց, բայց վստահ չէի։ Նա այնքան էր ծեր և դեմքին այնքան կնճիռներ կային, որ ժպտալիս բոլոր գծերը խառնվում էին իրար ու կորչում էին երանգները։

― Գուցե և աստվածավախ դառնամ, ― ասացի ես։ ― Համենայն դեպս, կաղոթեմ ձեզ համար։

― Ես միշտ հուսացել եմ, որ մի օր աստվածավախ կդառնամ։ Մեր ընտանիքի բոլոր անդամներն էլ աստվածավախ են մահացել։ Բայց չգիտեմ ինչու, ես չդարձա։

― Դեռ շատ շուտ է։

― Գուցե շատ ուշ է։ Գուցե արդեն վերապրել եմ իմ կրոնական զգացմունքները։

― Իսկ իմ կրոնական զգացմունքները միայն գիշերներն են ծնվում։

― Բայց դուք նաև սիրում եք։ Չմոռանաք, որ սերը նույնպես կրոնական զգացում է։

― Կարծո՞ւմ եք։

― Իհարկե։ ― Նա մի քայլ արեց դեպի բիլիարդի սեղանը։ ― Շատ զգացված եմ, որ եկաք ինձ հետ խաղալու։

― Դա ինձ համար մեծ հաճույք էր։

― Եկեք միասին բարձրանանք։

Գլուխ 36

Գիշերը փոթորիկ սկսվեց, ես արթնացա ու լսեցի, թե ինչպես էր անձրևը հարվածում պատուհանների ապակիներին։ Ջուրը բաց պատուհանից մտնում էր սենյակ։ Ինչ֊որ մեկը բախեց դուռը։ Անձայն մոտեցա դռանը, որպեսզի չանհանգստացնեի Կետրինին, ու բաց արի։ Բարմենն էր։ Վերարկու էր հագել ու բռնել էր թաց գլխարկը։

― Կարո՞ղ եմ ձեզ բան ասել։

― Ի՞նչ է պատահել։

― Շատ կարևոր բան է։

Շուրջս նայեցի։ Սենյակը մութ էր։ Տեսա, որ պատուհանի տակ ջուր է հավաքվել։

― Մտեք, ― ասացի ես։

Բռնեցի նրա թևից ու տարա լոգարան, փակեցի դուռը և վառեցի լույսը։ Նստեցի վաննայի ծայրին։

― Ի՞նչ է պատահել, Էմիլիո։ Չլինի՞ փորձանքի մեջ եք ընկել։

― Ոչ թե ես, այլ դուք։

― Այ թե ինչ։

― Առավոտյան ձերբակալելու են ձեզ։

― Այ թե ինչ։

― Եկա, որ ասեմ։ Քաղաք էի գնացել և սրճարանում լսեցի նրանց խոսակցությունը։

― Հասկանում եմ։

Թաց վերարկուով, թաց գլխարկը ձեռքին, լուռ կանգնել էր իմ դիմաց։

― Իսկ ինչո՞ւ են ուզում ինձ ձերբակալել։

― Պատերազմի հետ կապված ինչ֊որ բանի համար։

― Իսկ ի՞նչ բան։

― Չգիտեմ։ Միայն գիտեմ, որ առաջ ձեզ այստեղ տեսել են սպայի համազգեստով, իսկ հիմա՝ քաղաքացիական հագուստներով։ Նահանջից հետո բոլորին էլ ձերբակալում են։

Մի պահ մտածմունքի մեջ ընկա։

― Ո՞ր ժամին են գալու։

― Առավոտյան։ Ժամը չգիտեմ։

― Ի՞նչ եք խորհուրդ տալիս անել։

Նա գլխարկը դրեց լվացարանի մեջ։ Շատ թաց էր, և ջուրն անընդհատ գետին էր կաթկթում։

― Եթե վախենալու պատճառ չունեք, մի մտահոգվեք։ Բայց ձերբակալությունը միշտ էլ տհաճ բան է, հատկապես՝ հիմա։

― Չեմ ուզում, որ ինձ ձերբակալեն։

― Այդ դեպքում, գնացեք Շվեյցարիա։

― Ինչպե՞ս։

― Իմ նավակով։

― Փոթորիկ է, ― ասացի ես։

― Փոթորիկն անցավ։ Ջուրն ալեկոծ է, բայց մի կերպ գլուխ կհանեք։

― Ե՞րբ գնանք։

― Հենց հիմա։ Կարող են առավոտ շուտ գալ։

― Իսկ մեր ճամպրուկնե՞րը։

― Հավաքեք։ Թող ձեր լեյդին հագնվի։ Ես կհոգամ ճամպրուկների մասին։

― Որտե՞ղ կլինեք։

― Այստեղ կսպասեմ։ Չեմ ուզում, որ ինձ միջանցքում տեսնեն։

Բաց արի դուռը, հետո փակեցի ու մտա ննջարան։ Կետրինն արթուն էր։

― Ի՞նչ է պատահել, սիրելիս։

― Ոչինչ Կետ, ոչինչ, ― ասացի ես։ ― Ուզո՞ւմ ես հենց հիմա հագնվել և նավակով Շվեյցարիա գնալ։

― Իսկ դո՞ւ։

― Ոչ, ― ասացի ես։ ― Կուզենայի նորից անկողնում պառկել։

― Իսկ ի՞նչ է պատահել։

― Բարմենն ասում է, որ առավոտյան գալու են ինձ ձերբակալելու։

― Հո չի՞ գժվել բարմենը։

― Ոչ։

― Այդ դեպքում, խնդրում եմ շտապիր, սիրելիս, որպեսզի անմիջապես գնանք։ ― Նա նստեց մահճակալի ծայրին։ Դեռ քնատ էր։ ― Լոգարանո՞ւմ է բարմենը։

― Այո։

― Դե լավ, չեմ լվացվի։ Խնդրում եմ, ինձ մի նայիր, սիրելիս, ես մի րոպեում կհագնվեմ։

Գիշերազգեստը հանելիս, ես տեսա նրա սպիտակ մեջքը, ապա շուռ եկա, քանի որ նա այդպես էր ցանկացել։ Հղիությունից հետո արդեն սկսել էր գիրանալ, և չէր ուզում, որ ես տեսնեի նրան։ Հագնվում էի ու լսում անձրևի ձայնը։ Ես գրեթե ոչինչ չունեի ճամպրուկի մեջ դնելու։

― Կետ, եթե քեզ պետք է, իմ ճամպրուկի մեջ դեռ շատ տեղ կա։

― Ես գրեթե ամեն ինչ տեղավորեցի, ― ասաց նա։ ― Սիրելիս, ես սարսափելի բութ եմ, բայց ինչո՞ւ է բարմենը լոգարանում։

― Ս֊ս֊ս, սպասում է, որ ճամպրուկները տանի։

― Ինչ հոյակապ մարդ է։

― Նա իմ հին բարեկամն է, ― ասացի ես։ ― Մի անգամ քիչ էր մնում, որ ծխամորճի թութուն ուղարկեի իրեն։

Բաց պատուհանից նայեցի դրսի խավարին։ Լիճը չէր երևում, խավար էր ու անձրև, և քամին հանդարտվել էր։

― Պատրաստ եմ, սիրելիս, ― ասաց Կետրինը։

― Լավ։ ― Մոտեցա լոգարանի դռանը։ ― Ահա ճամպրուկները, Էմիլիո, ― ասացի ես։

Բարմենը վերցրեց երկու ճամպրուկները։

― Ես շատ զգացված եմ, որ օգնում եք մեզ, ― ասաց Կետրինը։

― Դատարկ բան է, Լեյդի, ― ասաց բարմենը։ ― Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ ձեզ օգնել, միայն թե ինքս փորձանքի մեջ չընկնեմ։ Լսեք, ― նա ասաց ինձ, ― ես սպասավորների աստիճաններով կիջնեմ և ուղիղ կգնամ դեպի նավակը։ Իսկ դուք հանգիստ գնացեք, կարծես զբոսանքի եք դուրս գալիս։

― Իսկական զբոսանքի գիշեր է, ― ասաց Կետրինը։

― Ինչ խոսք, որ վատ գիշեր է։

― Գոնե լավ է, որ հովանոց ունեմ, ― ասաց Կետրինը։

Անցանք միջանցքով և իջանք հաստ գորգով ծածկված աստիճաններով։ Խցիկում, մուտքի մոտ, նստել էր դռնապանը։

Տեսավ մեզ ու շատ զարմացավ։

― Ուզում եք դո՞ւրս գալ, սըր, ― հարցրեց նա։

― Այո, ― ասացի ես։ ― Ուզում ենք փոթորկի ժամանակ տեսնել լիճը։

― Իսկ հովանոց ունե՞ք, սըր։

― Ոչ, ― ասացի ես։ ― Վերարկուս անջրանցիկ է։

Նա կասկածանքով նայեց վերարկուիս։

― Ես ձեզ հովանոց կտամ, սըր, ― ասաց նա։ Գնաց, և մի մեծ հովանոց բերեց։ ― Մի քիչ մեծ է, սըր, ― ասաց նա։ Ես նրան տասը լիրա տվեցի։ ― Օ, դուք շատ բարի եք, սըր։ Շատ շնորհակալ եմ, ― ասաց նա։

Բաց արեց դուռը ու մենք դուրս եկանք անձրևի տակ։ Նա ժպտաց Կետրինին, ու Կետրինն էլ՝ նրան։

― Երկար չմնաք փոթորիկին, ― ասաց նա։ ― Կթրջվեք, սըր և լեյդի։

Նա ընդամենը կրտսեր դռնապան էր և դեռևս ամեն ինչ բառացի էր անգլերեն թարգմանում։

― Շուտ կվերադառնանք, ― ասացի ես։

Հսկայական հովանոցը բռնած, քայլեցինք ճանապարհով, հետո անցանք մութ և թաց պարտեզի միջով ու դուրս եկանք խճուղի, կտրեցինք խճուղին և հասանք թփուտներով եզրապատված լճափնյա արահետը։ Հիմա քամին փչում էր ափի կողմից։ Նոյեմբերյան խոնավ և ցուրտ քամի էր, ու ես գիտեի, որ լեռներում ձյուն է գալիս։ Անցանք քարափի շղթայակապ նավակների կողքով, որոնցից մեկը պետք է բարմենինը լիներ։ Ջուրը քարից ավելի մուգ էր, բարմենը դուրս եկավ ծառերի ետևից։

― Ճամպրուկները նավակում են, ― ասաց նա։

― Ուզում եմ վճարել նավակի գինը, ― ասացի ես։

― Ինչքա՞ն փող ունեք։

― Ոչ շատ։

― Փողը հետո կուղարկեք։ Այդպես ավելի լավ կլինի։

― Ինչքա՞ն։

― Ինչքան որ ուզենաք։

― Չէ, ասեք ինչքան։

― Եթե բարեհաջող հասնեք, հինգ հարյուր ֆրանկ ուղարկեցեք։ Դա ձեզ նեղություն չի պատճառի, եթե հասնեք։

― Լավ։

― Սենդվիչ վերցրեք։ ― Նա մի կապոց մեկնեց ինձ։ ― Բարում ինչ որ գտա դրեցի մեջը։ Սա էլ մի շիշ կոնյակ ու մի շիշ գինի։

Ամեն ինչ տեղավորեցի իմ ճամպրուկում։

― Թույլ տվեք գոնե սրանց համար վճարել։

― Լավ, հիսուն լիրա տվեք։

Տվեցի։

― Լավ կոնյակ է, ― ասաց նա։ ― Կարող եք առանց վախենալու ձեր լեյդիին տալ։ Թող նավակի մեջ նստի։

Նա բռնեց նավակը, որը մեկ բարձրանում, մեկ իջնում էր քարափի տակ, ու ես օգնեցի Կետրինին։ Նա նստեց նավախելի մոտ և փաթաթվեց անձրևաթիկնոցով։

― Գիտե՞ք ինչպես եք գնալու։

― Դեպի հյուսիս։

― Իսկ գիտե՞ք ուր։

― Դեպի Լուինո։

― Լուինո, Կաներո, Կաննոբիո, Տրանցանո, Բրիսսագո հասնելուց հետո Շվեյցարիայում կլինեք։ Պետք է անցնեք Մոնտե Տամարան։

― Ժամը քանի՞սն է, ― հարցրեց Կետրինը։

― Դեռ տասնմեկն է, ― ասացի ես։

― Եթե անընդհատ թիավարեք, առավոտյան ժամը յոթին կհասնեք։

― Այդքան հեռո՞ւ է։

― Երեսունհինգ կիլոմետր։

― Ինչպե՞ս ենք գնալու։ Կողմնացույց էր պետք այս անձրևին։ ― Ոչ։ Նախ գնացեք դեպի Իզոլա Բելլա, իսկ երբ անցնեք Իզոլա Մադրեն, քամու ուղղությամբ թիավարեք։ Քամին ձեզ կտանի Պալանցա։ Լույսեր կտեսնեք։ Հետո գնացեք ափի մոտով։

― Քամին կարող է փոխել ուղղությունը։

― Ոչ, ― ասաց նա։ ― Այս քամին երեք օր էլ կփչի։ Ուղիղ Մոտերոնեից է փչում։ Սա էլ թիթեղատուփ է, որպեսզի դատարկեք ջուրը։

― Թույլ տվեք, որ նավակի գնի մի մասը վճարեմ։

― Ոչ, ուզում եմ բախտս փորձել։ Եթե տեղ հասնեք, ինչքան որ կարող եք, կվճարեք։

― Դե լավ։

― Չեմ կարծում, որ խեղդվեք։

― Փառք աստծո։

― Քամու ուղղությամբ գնացեք։

― Լավ։ ― Ցատկեցի նավակի մեջ։

― Հյուրանոցի դրամը թողեցի՞ք։

― Այո։ Սենյակում, ծրարի մեջ։

― Դե լավ։ Բարի ճանապարհ, tenente:

― Ցտեսություն։ Շատ շնորհակալ եմ ձեզնից։

― Եթե խեղդվեք, էլ ինչ շնորհակալություն։

― Ի՞նչ է ասում, ― հարցրեց Կետրինը։

― Ասում է բարի ճանապարհ։

― Հաջողություն, ― ասաց Կետրինը։ ― Շատ շնորհակալ ենք։

― Պատրա՞ստ եք։

― Այո։

Նա կռացավ ու հրեց նավակը։ Թիերը մտցրի ջրի մեջ ու ձեռքով արեցի նրան։ Նա ևս ձեռքով արեց ու հասկացրեց, որ զգույշ լինենք։ Տեսա հյուրանոցի լույսերը, սկսեցի թիավարել և անընդհատ ուղիղ գնալ, մինչև որ լույսերն անհետացան տեսողությունից։ Շուրջն իսկական ծովային ալեկոծություն էր, բայց մենք քամու ուղղությամբ էինք գնում։

Գլուխ 37

Թիավարում էի մթության մեջ և աշխատում էի այնպես անել, որ քամին երեսիս փչեր։ Անձրևը դադարել էր ու միայն երբեմն հանկարծ նորից ուժգին գալիս էր ու կտրվում։ Տեսնում էի նավախելի մոտ նստած Կետրինին, բայց երբ թիաբերանը մտնում էր ջրի մեջ, ջուրը չէր երևում։ Թիերը երկար էին և փոկերով չէին ամրացված։ Իջեցնում էի ջրի մեջ, բարձրացնում, առաջ տանում, նորից իջեցնում և աշխատում էի հնարավորին չափ թեթև թիավարել։ Քամին համընթաց էր, դրա համար էլ տափակողմով չէի թիավարում։ Գիտեի, որ բշտիկներ են գոյանալու ձեռքերիս վրա և ուզում էի, որ դա հնարավորին չափ ուշ լիներ։ Նավակը թեթև էր և հեշտությամբ էր թիավարվում։ Անընդհատ քշում էի մութ ջրերի վրայով։ Ոչինչ չէր երևում, բայց հույս ունեի, որ շուտով Պալանցա կհասնենք։

Պալանցան չտեսանք։ Քամին հարավից էր փչում, ու մթության մեջ մենք անցանք այն հրվանդանի մոտով, որ ծածկում էր Պալանցան ու չտեսանք քաղաքի լույսերը։ Ու երբ վերջապես բավական հեռվում, գրեթե ափի մոտ, լույսեր երևացին, հասկացանք, որ Ինդրա ենք հասել։ Բայց երկար ժամանակ ընդհանրապես ոչ մի լույս չտեսանք, ափը չէր երևում, բայց համառորեն թիավարում էինք ու սահում ջրերի վրայով։ Երբեմն ալիքը բարձրացնում էր նավակը, ու ես մթության մեջ թիերը թափահարում էի օդում։ Լիճը դեռևս չէր հանդարտվել, բայց մենք շարունակում էինք առաջ գնալ, մինչև որ հանկարծ դեմ առանք մի ժայռի ու քիչ էր մնում բախվեինք։ Ալիքները խփում էին ժայռին, վեր թռչում և նորից ցած ընկնում։ Ես ամբողջ ուժով հենվեցի աջ թիի վրա, ձախով դարձրի նավակը, ու մենք հեռացանք ափից։ Ժայռն անհետացավ տեսողությունից, ու մենք նորից առաջ շարժվեցինք։

― Արդեն մյուս ափն ենք հասել, ― ասացի Կետրինին։

― Իսկ ինչո՞ւ Պալանցան չտեսանք։

― Կողքից անցանք։

― Ինչպե՞ս ես, սիրելիս։

― Լավ եմ։

― Ես կարող եմ մի քիչ թիավարել։

― Ոչ, կարիք չկա։

― Խեղճ Ֆերգյուսոն, ― ասաց Կետրինը։ ― Առավոտյան հյուրանոց է գալու և տեսնելու է, որ մենք չկանք։

― Դա ինձ այնքան էլ չի մտահոգում, ― ասացի ես։ ― Միայն թե ինչպես անեինք, որ մինչև լուսաբաց Շվեյցարիա հասնեինք ու մաքսատան պահակախումբը չնկատեր մեզ։

― Դեռ շա՞տ կա։

― Մոտ երեսուն կիլոմետր։

Ամբողջ գիշեր թիավարում էի։ Ի վերջո ափերս այնքան սկրթվեցին, որ հազիվ էի կարողանում թիերը բռնել։ Մի քանի անգամ քիչ էր մնում, որ դարձյալ խփվեինք ափին։ Ես ափից չէի հեռանում, վախենալով, որ կշեղվենք ճանապարհից ու ժամանակ կկորցնենք։ Երբեմն այնքան էի մոտենում, որ տեսնում էինք առափնյա ճանապարհը, ծառերի շարքերն ու մոտակա լեռները։ Անձրևը դադարեց, և երբ քամին ցրեց ամպերը, լուսինը դուրս եկավ, ու ես ետ նայեցի և տեսա Կաստանյոլայի երկար ու մթին հրվանդանը, և սպիտակ գլխարկ հագած լիճը, և բարձրաբերձ լեռների ձյուների վրա նստած լուսինը։ Հետո ամպերը նորից ծածկեցին երկինքը, և լեռներն ու լիճն անհետացան, բայց արդեն առաջվանից լուսավոր էր, ու ափը երևում էր։ Նույնիսկ շատ պարզ էր երևում, ու ես բավական հեռու քշեցի նավակը, որպեսզի մաքսատան պահակախումբը չկարողանա Պալանցայի ճանապարհից մեզ նկատել, եթե, իհարկե, այնտեղ լիներ։ Երբ լուսինը նորից դուրս եկավ, մենք տեսանք լեռնալանջերին տարածված առանձնատներն ու ծառերի արանքներից երևացող ճանապարհը։ Ես անընդհատ թիավարում էի։

Լիճը լայնացավ, ու հանդիպակաց ափին, լեռների ստորոտում, լույսեր երևացին, երևի հասել էինք Լուինո։ Լեռների միջև սեպաձև մի կիրճ տեսա, ու մտածեցի, որ հավանաբար, հենց դա էլ Լուինոն։ Եթե իսկապես այդպես էր, ուրեմն մենք ահագին ճանապարհ էինք կտրել։ Թիերը հանեցի ջրից, դրեցի նավակի հատակին ու պառկեցի մեջքի վրա։ Ես շատ, շատ էի հոգնել թիավարելուց։ Թևերս, ուսերս, մեջքս սաստիկ ցավում էին, և ափերս կարգին սկրթվել էին։

― Հովանոցը չբացե՞մ, ― ասաց Կետրինը։ ― Քամին կտանի նավակը։

― Կարո՞ղ ես մի քիչ քշել։

― Կարծում եմ։

― Թին թևիդ տակ դիր, սեղմիր նավակողին ու քշիր։ Իսկ ես հովանոցը կպահեմ։

Տեղափոխվեցի դեպի նավախելը և նրան ցույց տվի, թե ինչպես պետք է բռնել թին։ Նստեցի նավաքթի դիմաց, վերցրի դռնապանի տված մեծ հովանոցը ու բաց արի։ Շրխկոցով բացվեց։ Կոթն ամրացրել էի նստատեղի տակ, նստել վրան ու բռնել երկու ծայրերից։ Քամին ուղիղ հովանոցի վրա էր փչում ու, ամբողջ ուժով երկու ծայրերից բռնած, զգացի, թե ինչպես նավակն առաջ գնաց։ Հովանոցը փախչում էր ձեռքիցս։ Նավակն արագ էր շարժվում։

― Թռչում ենք, ― ասաց Կետրինը։

Բացի հովանոցի ճաղերից, ուրիշ ոչինչ չէի տեսնում։ Հովանոցը ձգում էր ինձ ու փախչում ձեռքիցս, ու ես զգում էի, թե ինչպես ենք առաջ սլանում։ Ոտքերով ամուր սեղմեցի կոթը և, ավելի ուժեղ բռնեցի ծայրերից, հետո հանկարծ ճաղը ծռվեց ու խփվեց ճակատիս, փորձեցի բռնել վերնամասը, որ ճկվել էր քամուց, բայց ամբողջ հովանոցը ծռվեց, շրջվեց հակառակ կողմի վրա, ու ես, որ դեռ քիչ առաջ բռնել էի օդից ուռած առագաստը, հիմա նստած էի պատառոտված հովանոցի կոթի վրա։ Նստատեղի տակից հանեցի կոթը, հովանոցը գցեցի հատակին ու գնացի Կետրինի մոտ։ Նա ծիծաղում էր։ Բռնեց ձեռքս ու շարունակեց ծիծաղել։

― Ի՞նչ պատահեց։ ― Թին վերցրի։

― Այնքան ծիծաղելի էիր այդ բանը բռնած։

― Պատկերացնում եմ։

― Մի նեղանա, սիրելիս։ Այնքան ծիծաղելի էր։ Կարծես քսան ոտնաչափ լիներ լայնքդ, և այնպիսի խանդավառությամբ էիր բռնել հովանոցի ծայրերը․․․ Նա թուլացել էր ծիծաղից։

― Հիմա ես կթիավարեմ։

― Հանգստացիր ու մի քիչ խմիր։ Հոյակապ գիշեր է, ու մենք երկար ճանապարհ ենք անցել։

― Պետք է լայնքով դնել նավակը։

― Հիմա ես խմիչք կտամ։ Իսկ հետո հանգստացիր։

Թիերը բարձրացրի, ու մենք սկսեցինք օրորվել ալիքների վրա։ Կետրինը բաց արեց ճամպրուկը։ Մեկնեց կոնյակի շիշը։ Գրպանի դանակով հանեցի խցանը ու բավական խմեցի։ Թունդ կոնյակ էր, ամբողջ մարմնիս մեջ ջերմություն տարածվեց, ու ես տաքացա և առույգ զգացի ինձ։

― Լավ կոնյակ է, ― ասացի ես։

Լուսինը նորից ամպի տակ էր մտել, բայց ափը երևում էր։ Հեռվում, լճի մեջ ցցվել էր մի երկար ու նեղ թերակղզի։

― Չե՞ս մրսում, Կետ։

― Շատ լավ եմ։ Միայն ոտքերս են թմբրել։

― Հատակի ջուրը դատարկիր, որպեսզի կարողանաս ոտքերդ ձգել։

Շարունակեցի քշել նավակը, ականջ դնելով թիակալի ճռռոցին ու նավախելի նստատեղի տակից լսվող թիթեղամանի քրթքրթոցին։

― Ամանը չե՞ս տա, ― ասացի ես։ ― Ուզում եմ խմել։

― Շատ կեղտոտ է։

― Ոչինչ։ Կողողեմ։

Լսում էի, թե ինչպես էր Կետրինը ողողում թիթեղամանը։ Հետո լիքը ջուր լցրեց ու մեկնեց ինձ։ Կոնյակից հետո շատ էի ծարավել, և ջուրը սառույցի չափ պաղ էր, այնքան պաղ, որ ատամներս ցավեցին։ Նայեցի դեպի ափը։ Արդեն մոտենում էինք թերակղզուն։ Լճախորշում լույսեր էին երևում։

― Շնորհակալություն, ― ասացի ես ու վերադարձրի անագե թիթեղամանը։

― Միշտ պատրաստ եմ ձեզ ծառայել, ― ասաց Կետրինը։

― Դեռ շատ ջուր կա, եթե ցանկանաք։

― Մի բան ուտեիր։

― Չես ուզո՞ւմ մի բան ուտել։

― Ոչ։ Քիչ հետո։ Ուտելիքը պահենք, մինչև որ կարգին սովածանանք։

― Լավ։

Այն, ինչ հեռվից թերակղզի էր թվում, երկարավուն ու բարձր մի հրվանդան էր։ Ես նավակը քշեցի դեպի լճի խորքը, որպեսզի շրջանցեինք հրվանդանը։ Լիճն այստեղ անհամեմատ նեղ էր։ Լուսինը նորից դուրս եկավ ու եթե guardia di finanza-ն[26] հեռվից հետևեր մեզ, ապա կարող էր տեսնել, թե ինչպես էր մեր նավակը ջրի վրա սևին տալիս։

― Ինչպե՞ս ես, Կետ։

― Շատ լավ։ Որտե՞ղ ենք հիմա։

― Ինձ թվում է, որ ութ մղոնից ավելի չի մնացել։

― Իմ խեղճ տղա, ուրեմն, դեռ շատ կա։ Կենդանի՞ ես դեռ։

― Այո։ Լավ եմ զգում։ Միայն ափերս են սկրթվել։

Մենք անընդհատ դեպի հյուսիս էինք գնում։ Լճի աջ կողմում լեռնաշղթան կտրվում էր, և զառիվարն իջնում, հասնում էր ցածրիկ ափին, որտեղ, ինչպես ինձ թվում էր, Կաննոբիոն պետք է լիներ։ Ես շատ հեռացա ափից, որովհետև հատկապես այս վայրերում ամենից ավելի հավանական էր guardia֊ի հանդիպելը։ Մյուս ափին գմբեթաձև և բարձր լեռ կար։ Ես հոգնեցի։ Քիչ տարածություն էր մնացել, բայց երբ ուժասպառ ես, դա էլ է երկար թվում։ Գիտեի, որ հարկավոր էր անցնել այդ լեռը, հետո ամենաքիչը հինգ մղոն էլ թիավարել, մինչև որ մտնեինք շվեյցարական ջրերը։ Լուսինն ահա ուր որ է պիտի դուրս գար, բայց մինչ այդ ամպերը դարձյալ ծածկեցին երկինքը, և շուրջը խավար տիրեց։ Նավակը հեռացել էր ափից, ու ես երբեմն հանգստանում էի և թիերն այնպես բարձրացնում, որ քամին տափակողերին փչեր։

― Տուր մի քիչ էլ ես թիավարեմ, ― ասաց Կետրինը։

― Ինձ թվում է, չի կարելի։

― Հիմար բաներ ես ասում։ Դա նույնիսկ օգտակար է ինձ համար։ Գոնե ոտքերս չեմ թմբրի։

― Երևի չի կարելի, Կետ։

― Հիմարություն։ Թիավարությունն օգտակար է հղի կանանց համար, միայն թե չափը չանցկացնես։

― Դե լավ, թիավարիր։ Առանց չափն անցկացնելու։ Եկ տեղներս փոխենք։ Եզրերից բռնիր, որ չընկնես։

Նստել էի նավախելին, բարձրացրել վերարկուիս օձիքը և նայում էի, թե ինչպես էր Կետրինը թիավարում։ Շատ լավ էր թիավարում, բայց թիերը երկար էին ու անհանգստացնում էին նրան։ Բաց արի ճամպրուկը, երկու հատ սենդվիչ կերա ու կոնյակ խմեցի։ Ավելի լավ զգացի ու էլի խմեցի։

― Երբ որ հոգնես, կասես, ― ասացի ես։ Հետո քիչ անց՝ ― տես թիերը չկպչեն փորիդ։

― Եթե կպչեին․․․ ― հարվածների արանքում ասաց Կետրինը, ― կյանքն ավելի պարզ կդառնար։

Ես էլի կոնյակ խմեցի։

― Հը, ինչպե՞ս ես։

― Լավ եմ։

― Երբ որ հոգնես, ասա ինձ։

― Լավ։

Ես էլի կոնյակ խմեցի, հետո, նավակի եզրից բռնելով, մի փոքր առաջ գնացի։

― Պետք չէ։ Այսպես լավ է։

― Գնա նավախելին նստիր։ Հանգստացա արդեն։

Կոնյակ խմելուց հետո, որոշ ժամանակ թափով ու հեշտությամբ էի թիավարում։ Հետո թիերն սկսեցին փախչել ձեռքիցս, հարվածները դարձան կարճ և բերանիս մեջ զգացի թեթև ու անորսալի դառնահամ, որովհետև կոնյակից հետո շատ ուժեղ էի թիավարել։

― Խնդրում եմ, մի քիչ ջուր տուր, ― ասացի ես։

― Դրանից հեշտ բա՞ն, ― ասաց Կետրինը։

Լուսաբացից առաջ թեթև անձրև եկավ։ Քամին հանդարտվեց, գուցե մեզ պաշտպանում էին լեռները, որոնք շրջապատել էին լճի կորագիծ ափերը։ Երբ զգացի, որ արդեն լուսանում է, ավելի հարմար տեղավորվեցի ու սկսեցի ամբողջ ուժով թիավարել։ Չգիտեի, թե որտեղ ենք և ուզում էի ժամ առաջ շվեյցարական ջրերը մտնել։ Երբ լույսը բացվեց, մենք մոտեցել էինք լճափին։ Երևում էին ժայռոտ ափն ու ծառերը։

― Սա ի՞նչ է, ― ասաց Կետրինը։

Թողեցի թիերը ու ականջ դրեցի։ Շարժանավի ձայն էր։ Մոտեցանք ափին ու կանգ առանք։ Ձայնն ավելի հստակ լսվեց, հետո, մեզնից ոչ հեռու, անձրևի տակ մի շարժանավ տեսանք։ Նավախելին նստած էին չորս guardia di finanza, որոնք ճակատներն էին քաշել իրենց ալպիական գլխարկները, բարձրացրել օձիքները ու կարաբիններն ուսին գցել։ Առավոտվա այս վաղ ժամին չորսն էլ քնատ էին երևում։ Ես տեսնում էի նրանց գլխարկների և օձիքների դեղին տարբերանշանները։ Շարժանավն աղմուկով հեռացավ ու անհետացավ անձրևի տակ։

Նավակը քշեցի դեպի լճի կենտրոնը։ Եթե իրոք այդքան մոտեցել էինք սահմանին, չէի ուզենա, որ ժամապահներից մեկը ափից ձայն տար մեզ։ Հեռացա այնքան, որ ափը չկորչեր տեսողությունից, ու դեռ երեք քառորդ ժամ էլ թիավարեցի անձրևի տակ։ Մի անգամ ևս շարժանավի ձայն լսվեց, ու ես սպասեցի մինչև որ շարժիչի աղմուկը աստիճանաբար նվազեց ու լռեց հեռվում։

― Կարծես թե Շվեյցարիա ենք հասել, Կետ, ― ասացի ես։

― Իսկապե՞ս։

― Հաստատ չեմ կարող իմանալ, մինչև որ շվեյցարական բանակ չտեսնենք։

― Կամ շվեյցարական նավատորմ։

― Շվեյցարական նավատորմը մեզ համար կատակ բան չէ։ Շարժանավը, որի ձայնը քիչ առաջ լսեցինք, երևի հենց շվեյցարական նավատորմն է։

― Եթե Շվեյցարիայում ենք, գոնե արի մի փառավոր նախաճաշ անենք։ Շվեյցարիայում հոյակապ կարագ, մուրաբա և բուլկիներ կան։

Արդեն կարգին լույս էր, և բարակ անձրև էր մաղում։ Հարավից դեռ քամի էր փչում, ու լճի խորքում երևում էին սպիտակ գլխարկների կատարները։ Հիմա արդեն վստահ էի, որ Շվեյցարիայում ենք։ Ծառերի արանքներից խրճիթներ էին երևում, իսկ քիչ ավելի հեռվում, լճափին՝ քարաշեն տներով մի գյուղակ, բլրի վրա՝ մի քանի առանձնատուն ու մի եկեղեցի։ Նայեցի, թե արդյոք պահակախումբ չկա՞ր գետափնյա ճանապարհին, բայց ոչ ոքի չտեսա։ Հետո ճանապարհը բոլորովին մոտեցավ լճին, ու ես տեսա, թե ինչպես ճամփեզրի սրճարանից մի զինվոր դուրս եկավ։ Նա հագել էր մոխրականաչ համազգեստ ու գերմանականի նմանվող սաղավարտ դրել։ Առույգ դեմք ուներ ու ցցված բեղիկներ։ Տեսավ ու նայեց մեզ։

― Ձեռքով արա, ― ասացի Կետրինին։

Նա ձեռքով արեց, և զինվորը շփոթված ժպտաց ու նույնպես ձեռքով արեց։ Ես սկսեցի ավելի դանդաղ թիավարել։ Անցանք գյուղակի մոտով։

― Երևի արդեն վաղուց Շվեյցարիայում ենք, ― ասացի ես։

― Պետք է վստահ լինենք, սիրելիս։ Մեկ էլ տեսար սահմանից ետ կուղարկեն մեզ։

― Սահմանը հեռու է։ Սա երևի մաքսատան պահակակետն է։ Գրեթե վստահ եմ, որ մենք Բրիսագոյում ենք։

― Իսկ այստեղ իտալացիներ չկա՞ն։ Մաքսատան պահակետերում միշտ էլ հարևան երկրներից եկած մարդիկ են լինում։

― Ո՛չ պատերազմի ժամանակ։ Դժվար թե թույլ տան, որ իտալացիները սահմանն անցնեն։

Դա շատ գեղեցիկ քաղաք էր։ Քարափի մոտ ձկնորսական շատ նավակներ կային, և ձողերի վրա ցանցեր էին կախված։ Նոյեմբերյան հաճելի անձրև էր գալիս և անձրևի տակ անգամ այստեղ ամեն ինչ ուրախ էր ու մաքուր։

― Արի նավակը կապենք, գնանք նախաճաշելու։

― Լավ։

Ամբողջ ուժս դրեցի ձախ թիի վրա, նավակը մոտեցրի քարափին ու կանգնեցրի կողքի վրա։ Բարձրացրի թիերը, դրեցի հատակին, ապա բռնեցի երկաթե շղթայից, ոտքս դրի թաց քարի վրա ու մտա Շվեյցարիա։ Կապեցի նավակը ու ձեռքս մեկնեցի Կետրինին։

― Արի, Կետ։ Սքանչելի զգացում է։

― Իսկ ճամպրուկնե՞րը։

― Թող նավակում մնան։

Կետրինը դուրս եկավ ու մենք միասին Շվեյցարիա մտանք։

― Ինչ հրաշալի երկիր է, ― ասաց նա։

― Սքանչելի է, չէ՞։

― Գնանք նախաճաշենք։

― Սքանչելի երկիր է, չէ՞։ Քայլելն անգամ հաճելի է։

― Ոտքերս այնքան են թմրել, որ ոչինչ չեմ զգում, բայց հրաշալի երկիր է։ Հասկանո՞ւմ ես, սիրելիս, որ մենք արդեն այստեղ ենք, որ մենք ազատվել ենք այդ անիծյալ երկրից։

― Այո։ Իսկապես հասկանում եմ։ Ոչ մի բան այսքան պարզ չեմ հասկացել երբեք։

― Տներին նայիր։ Տես ինչ գեղեցիկ հրապարակ է։ Հենց այդտեղ էլ կարելի է նախաճաշել։

― Իսկ անձրևը հաճելի չէ՞։ Իտալիայում երբեք այսպիսի անձրև չի գալիս։ Սա ուրախ անձրև է։

― Եվ մենք այստեղ ենք, սիրելիս։ Հասկանո՞ւմ ես, որ այստեղ ենք։

Սրճարան մտանք և նստեցինք փայտե մաքուր սեղանի մոտ։ Հարբածի նման էինք։ Եկավ գոգնոց կապած մի հրաշալի ու մաքրատես կին և հարցրեց, թե ինչ ենք ցանկանում։

― Բուլկի և մուրաբա և սուրճ, ― ասաց Կետրինը։

― Ներեցեք, բայց բուլկի չունենք, պատերազմ է։

― Այդ դեպքում՝ հաց։

― Կարող եմ բոված հաց բերել։

― Բերեք։

― Մեկ էլ՝ ձվածեղ։

― Քանի՞ ձու կուզենար պարոնը։

― Երեք։

― Չորս հատ վերցրու, սիրելիս։

― Չորս ձու։

Կինը հեռացավ։ Ես համբուրեցի Կետրինին և շատ ամուր սեղմեցի նրա ձեռքը։ Մենք նայում էինք իրար և մեր շուրջը։

― Սիրելիս, սիրելիս, սքանչելի է, չէ՞։

― Հրաշալի է, ― ասացի ես։

― Ինչ անենք, որ բուլկի չկա, ― ասաց Կետրինը։ ― Ամբողջ գիշերը դրա մասին եմ մտածել։ Հետո ինչ, որ չկա։ Ի՞նչ անենք, որ չկա։

― Երևի շատ շուտով մեզ կձերբակալեն։

― Ոչինչ, սիրելիս։ Նախ պետք է նախաճաշել, իսկ նախաճաշելուց հետո ձերբակալվելը առանձնապես մի բան չի։ Եվ հետո ի՞նչ կարող են անել։ Մենք անգլիական և ամերիկյան հպատակներ ենք, և մեր փաստաթղթերը կարգին են։

― Դու անձնագիր ունես, չէ՞։

― Իհարկե։ Օ, եկ այդ մասին չխոսենք։ Երջանիկ լինենք։

― Ավելի երջանիկ հնարավոր չէ լինել, ― ասացի ես։

Մի գիրուկ, մոխրագույն կատու, պոչը փետրափնջի պես ցցած, մոտեցավ մեզ, փարվեց ոտքիս, սկսեց քսմսվել ու հաճույքից գռմռալ։ Կռացա ու շոյեցի նրան։ Կետրինը երջանիկ ժպտում էր ինձ։

Նախաճաշից հետո մեզ ձերբակալեցին։ Մենք մի քիչ զբոսնեցինք գյուղում, հետո իջանք քարափ, որպեսզի ճամպրուկները վերցնենք։ Նավակի մոտ մի զինվոր պահակ էր կանգնել։

― Ձե՞ր նավակն է։

― Այո։

― Որտեղի՞ց եք գալիս։

― Լճի մյուս կողմից։

― Այդ դեպքում, պիտի խնդրեի, որ հետևեք ինձ։

― Իսկ ճամպրուկնե՞րը։

― Կարող եք վերցնել։

Ես վերցրի ճամպրուկները, Կետրինը քայլում էր իմ կողքից, իսկ մեր ետևից գալիս էր զինվորը։ Մենք մոտեցանք մի շենքի, որտեղ մաքսատունն էր տեղավորված։ Մաքսատանը մեզ հարցաքննեց շատ նիհար և մարտական տրամադրված մի լեյտենանտ։

― Ազգությունը։

― Ամերիկացի և անգլուհի։

― Անձնագրերը տվեք։

Ես տվեցի իմը, Կետրինն էլ պայուսակից հանեց ու մեկնեց նրան։

Նա երկար զննեց դրանք։

― Ինչո՞ւ եք նավակով Շվեյցարիա եկել։

― Մարզիկ եմ, ― ասացի ես։ ― Թիավարությունը սպորտի իմ սիրած ձևն է։ Հնարավորության դեպքում ես միշտ թիավարում եմ։

― Ինչո՞ւ եք այստեղ եկել։

― Ձմեռային սպորտով զբաղվելու։ Մենք զբոսաշրջիկներ ենք և ուզում ենք ձմեռային սպորտով զբաղվել։

― Սա ձմեռային սպորտի տեղ չէ։

― Գիտենք։ Մենք ուզում ենք գնալ այնտեղ, որտեղ կարելի է ձմեռային սպորտով զբաղվել։

― Ի՞նչ էիք անում Իտալիայում։

― Ճարտարապետության դասեր էի առնում։ Իսկ իմ զարմուհին՝ արվեստի։

― Իսկ ինչո՞ւ եք Իտալիայից հեռացել։

― Ուզում ենք ձմեռային սպորտով զբաղվել։ Պատերազմի ժամանակ անհնար է ճարտարապետություն սովորել։

― Խնդրում եմ, նստեք և սպասեք, ― ասաց լեյնտենանտը։

Նա վերցրեց մեր անձնագրերն ու դուրս եկավ սենյակից։

― Սիրելիս, դու անզուգական էիր, ― ասաց Կետրինը։ ― Եվ հենց դա էլ պնդիր անընդհատ։ Դու ուզում ես ձմեռային սպորտով զբաղվել։

― Բան հասկանո՞ւմ ես արվեստից։

― Ռուբենս, ― ասաց Կետրինը։

― Խոշոր և մսոտ, ― ասացի ես։

― Տիցիան, ― ասաց Կետրինը։

― Տիցիանական մազեր, ― ասացի ես։ ― Իսկ Մանթենիա՞ն։

― Դժվար բաներ մի հարցրու, ― ասաց Կետրինը։ ― Չնայած նրան էլ մի քիչ գիտեմ, շատ սարսափելի է։

― Շատ սարսափելի է, ― ասացի ես։ ― Մեխից առաջացած ծակեր։

― Տեսնում ես ինչ հիանալի կին ես ունենալու, ― ասաց Կետրինը։ ― Ես կարողանալու եմ քո հաճախորդների հետ արվեստի մասին խոսել։

― Գալիս է, ― ասացի ես։

Նիհար լեյտենանտը, մեր անձնագրերը ձեռքին, գալիս էր մաքսատան խորքից։

― Ստիպված եմ ձեզ Լոկարնո ուղարկել, ― ասաց նա։ ― Կարող եք կառք վարձել, ձեզ հետ կնստի նաև մի զինվոր։

― Լավ, ― ասացի ես։ ― Իսկ նավա՞կը։

― Նավակը բռնագրվված է։ Ի՞նչ կա ձեր ճամպրուկներում։

Նա ստուգեց երկու ճամպրուկները և հանեց կոնյակի շիշը, որի միայն քառորդն էր մնացել։

― Չե՞ք ընկերանա, եթե մի քիչ խմեմ, ― հարցրի ես։

― Ոչ, շնորհակալություն։ ― Նա ձգվեց։ ― Ինչքա՞ն փող ունեք։

― Երկու ու կես հազար լիրա։

Այդ թիվը նպաստավոր տպավորություն թողեց նրա վրա։

― Իսկ ձեր զարմուհի՞ն։

Կետրինի մոտ հազար երկու հարյուր լիրա կար կամ մի քիչ ավելի։ Լեյտենանտը գոհ էր։ Նրա վերաբերմունքն արդեն պակաս ամբարտավան էր։

― Եթե ուզում եք ձմեռային սպորտով զբաղվել, ― ասաց նա, ― ապա պետք է Ուենգեն գնալ։ Իմ հայրը շատ լավ հյուրանոց ունի Ուենգենում։ Աշխատում է կլոր տարին։

― Շատ հաճելի է, ― ասացի ես։ ― Հասցեն չե՞ք տա։

― Այցետոմսի վրա կգրեմ։ ― Քաղաքավարությամբ մեկնեց այցետոմսը։ ― Զինվորը մինչև Լոկարնո կուղեկցի ձեզ։ Ձեր անձնագրերը նրա մոտ կլինեն։ Ցավում եմ, բայց դա անհրաժեշտ է։ Հուսով եմ, որ Լոկարնոյում վիզա կստանաք կամ ոստիկանության արտոնագիր։

Նա անձնագրերը մեկնեց զինվորին, ու մենք վերցրինք ճամպրուկները և ուղղվեցինք դեպի գյուղ, որպեսզի կառք վարձենք։

― Է՛յ, ― լեյտենանտը կանչեց զինվորին։ Գերմանական բարբառով ինչ֊որ բան ասաց նրան։ Զինվորը հրացանը գցեց ուսին և ճամպրուկները վերցրեց իմ ձեռքից։

― Հրաշալի երկիր է, ― ասացի Կետրինին։

― Եվ անչափ գործնական։

― Շատ շնորհակալ ենք, ― ասացի լեյտենանտին։

Նա ձեռքով արեց մեզ։

― Միշտ պատրաստ եմ ծառայելու, ― ասաց նա։

Մենք հետևեցինք մեր պահնորդին ու հասանք գյուղ։

Կառք վարձեցինք ու գնացինք Լոկարնո։ Զինվորը նստել էր առջևում՝ կառապանի կողքին։ Լոկարնոյում դժվարությունների չհանդիպեցինք։ Մեզ հարցաքննեցին, բայց և շատ քաղաքավարի էին վարվում, որովհետև մենք թե անձնագրեր ունեինք, թե դրամ։ Չեմ կարծում, որ հավատացին իմ խոսքերին, ու ես մտածում էի, թե որքան հիմար խաղ է դա և որքան նման էր դատարանի։ Ոչ մի բանական փաստարկ չէր պահանջվում, միայն՝ զուտ ձևական պատճառաբանություն, որից կարելի էր կպչել, առանց որևէ բացատրություն տալու։ Մենք անձնագիր ունեինք և ուզում էինք փող ծախսել։ Դրա համար էլ մեզ ժամանակավոր վիզաներ տվեցին։ Ցանկացած պահին կարող էին չեղյալ համարել այդ վիզաները։ Ուր էլ որ գնայինք, պարտավոր էինք ոստիկանատուն ներկայանալ։

Կարո՞ղ ենք մեր ուզած տեղը գնալ։ Այո։ Իսկ ո՞ւր էիք ուզում գնալ։

― Ո՞ւր ես ուզում գնալ, Կետ։

― Մոնտրե։

― Հրաշալի տեղ է, ― ասաց պաշտոնյան։ ― Կարծում եմ, որ կհավանեք։

― Լոկարնոն էլ հրաշալի քաղաք է, ― ասաց մյուս պաշտոնյան։ ― Վստահ եմ, որ շատ կհավանեք Լոկարնոն։ Լոկարնոն շատ գեղեցիկ քաղաք է։

― Մենք ամեն տեղ էլ կհավանենք, միայն թե հնարավոր լինի ձմեռային սպորտով զբաղվել։

― Մոնտրեում ձմեռային սպորտով չեն զբաղվում։

― Շատ կներեք, ― ասաց մյուս պաշտոնյան։ ― Ես ինքս մոնտրեցի եմ։ Կարող եմ հաստատ ասել, որ Մոնտրե֊Օբերլանդ֊Բեռն երկաթուղու ճանապարհին ձմեռային սպորտով զբաղվելու հիանալի տեղեր կան։ Եթե ուզում եք ժխտել, ապա շատ եք սխալվում։

― Ես չեմ ժխտում։ Միայն ասում եմ, որ Մոնտրեում ձմեռային սպորտով չեն զբաղվում։

― Ես առարկում եմ ձեր հայտարարությանը։ ― Ես ինքս եմ Մոնտրեի փողոցում luge-ով[27] ման եկել։ Եվ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ։ Հո չե՞ք կարող ասել, որ luge֊ը ձմեռային սպորտ չէ։

Մյուս պաշտոնյան շրջվեց իմ կողմը։

― Սըր, մի՞թե դուք luge֊ը նկատի ունեիք ձմեռային սպորտի մասին խոսելիս։ Հավատացնում եմ, որ Լոկարնոյում շատ գոհ կմնաք։ Կլիման այստեղ շատ առողջարար է, և քաղաքը սքանչելի շրջակայք ունի։

― Պարոնը ցանկություն հայտնեց Մոնտրե գնալու։

― Ինչ բան է luge֊ը, ― հարցրի ես։

― Տեսնում եք, նա նույնիսկ չգիտի, թե ինչ բան է luge֊ը։

Դա շատ դուր եկավ մյուս պաշտոնյային։ Նա մեծ գոհունակություն զգաց։

― Luge, ― ասաց առաջին պաշտոնյան, ― նշանակում է սահնակ։

― Ստիպված եմ առարկել, ― մյուս պաշտոնյան բացասաբար շարժեց գլուխը։ ― Ստիպված եմ նորից առարկել։ Luge֊ն ու սահնակն տարբեր բաներ են։ Սահնակը արտադրվում է Կանադայում, սարքում են շերտաձողիկներով։ Իսկ luge-ը կեռաձողիկներով սովորական սահնակ է։ Պետք է ճշգրիտ լինել։

― Իսկ մենք չե՞նք կարող կանադական սահնակ նստել, ― հարցրի ես։

― Իհարկե կարող եք, ― ասաց առաջին պաշտոնյան։ ― Շատ լավ էլ կարող եք։ Մոնտրեում հիանալի սահնակներ են վաճառում։ Օքս եղբայրների խանութում, նրանք արտահանում են իրենց սահնակները։

Երկրորդ պաշտոնյան շուռ եկավ։

― Կանադական սահնակի համար հատուկ piste[28] է պետք։ Չեք կարող Մոնտրեի փողոցներում սահնակ քշել։ Ո՞ր հյուրանոցում եք ապրում։

― Դեռ չենք որոշել, ― ասացի ես։ ― Հենց նոր ենք եկել Բրիսագոյից։ Կառքը սպասում է դրսում։

― Չեք զղջա, եթե Մոնտրե գնաք, ― ասաց առաջին պաշտոնյան։ ― Շատ գեղեցիկ տեղ է և հիանալի կլիմա ունի։ Կարիք չի լինի հեռու գնալ, եթե ուզենաք ձմեռային սպորտով զբաղվել։

― Եթե իսկապես ուզում եք ձմեռային սպորտով զբաղվել, ― ասաց երկրորդ պաշտոնյան, ― գնացեք Էնզադին կամ Մյուրրեն։ Ես ստիպված եմ բողոքել, որ ձեզ խորհուրդ են տալիս Մոնտրե գնալ ձմեռային սպորտով զբաղվելու համար։

Մոնտրեի պաշտպանը նայեց իր պաշտոնակցին։

― Պարոնայք, ― ասացի ես։ ― Ցավում եմ, որ պետք է ճամփա ընկնենք։ Զարմուհիս շատ հոգնած է։ Ուզում ենք փորձի համար Մոնտրե գնալ։

― Ողջունում եմ ձեր որոշումը։ ― Առաջին պաշտոնյան սեղմեց ձեռքս։

― Վստահ եմ զղջալու եք, որ Լոկարնոյում չմնացիք, ― ասաց երկրորդ պաշտոնյան։

― Ոչ մի տհաճ պատմություն չի լինի ոստիկանության հետ, ― հավաստիացրեց ինձ առաջին պաշտոնյան։ ― Կտեսնեք, թե բնակիչներն ինչքան բարեկիրթ են ու մարդամոտ։

― Անչափ շնորհակալ ենք ձեր երկուսից էլ, ― ասացի ես։ ― Մեզ համար շատ թանկ են ձեր խորհուրդները։

― Ցտեսություն, ― ասաց Կետրինը։ ― Ձեր երկուսից էլ շնորհակալ ենք։

Դռան մոտ նրանք գլուխ տվեցին մեզ, Լոկարնոյի պաշտպանը հիմա մի փոքր սառն էր իրեն պահում։ Իջանք աստիճաններով ու կառք նստեցինք։

― Աստված իմ, սիրելիս, ― ասաց Կետրինը։ ― Չէինք կարո՞ղ ավելի շուտ դուրս գալ։

Կառապանին տվեցի պաշտոնյաներից մեկի հանձնարարած հյուրանոցի հասցեն։ Կառապանը բարձրացրեց սանձերը։

― Բանակը մոռացար, ― ասաց Կետրինը։

Զինվորը կանգնել էր կառքի մոտ։ Հինգ լիրա տվեցի նրան։

― Դեռ շվեյցարական փող չունեմ, ― ասացի ես։

Նա շնորհակալություն հայտնեց, պատիվ տվեց ու հեռացավ։ Կառքը ճամփա ընկավ դեպի հյուրանոց։

― Խելքիդ ի՞նչ փչեց, որ Մոնտրեի անունը մեջտեղ գցեցիր, ― հարցրի Կետրինին։ ― Իսկապե՞ս Մոնտրե ես ուզում գնալ։

― Առաջին անունն էր, որ միտքս ընկավ, ― ասաց նա։ ― Վատ տեղ չէ։ Կարող ենք լեռներում ապրել։

― Քունդ չի՞ տանում։

― Արդեն քնում եմ։

― Հիմա մի լավ կքնենք։ Խեղճ Կետ, այ թե վատ գիշեր անցկացրիր։

― Ընդհակառակը, ուրախ անցավ, ― ասաց Կետրինը։ ― Հատկապես երբ հովանոցի վրա էիր նստել։

― Դու հասկանո՞ւմ ես, որ Շվեյցարիայում ենք։

― Ոչ։ Վախենում եմ, որ արթնանամ, սուտ թվա այս ամենը։

― Ես էլ։

― Բայց սուտ չէ, չէ՞, սիրելիս։ Ես հիմա Միլանի stazione֊ն չեմ գնում քեզ ճանապարհ գցելու։

― Հուսով եմ, որ ոչ։

― Այդպես մի խոսիր։ Վախենում եմ։ Գուցե իրոք կայարան ենք գնում։

― Կարծես հարբած լինեմ, ոչինչ չեմ հասկանում, ― ասացի ես։

― Ձեռքդ տուր։

Մեկնեցի ձեռքս։ Երկուսն էլ սկրթված էին։

― Միայն կողիս վրա ծակ չկա։

― Մի անարգիր աստծուն։

Ես շատ հոգնած էի, և խելքս գլուխս չէր։ Խանդավառությունս կորավ։ Կառքը գնում էր փողոցով։

― Խեղճ ձեռքեր, ― ասաց Կետրինը։

― Չբռնես, ― ասացի ես։ ― Աստված վկա, չգիտեմ, թե որտեղ ենք։ Ո՞ւր ենք գնում, կառապան։

Կառապանը կանգնեցրեց ձին։

― Մետրոպոլ հյուրանոց։ Ինքներդ ասացիք։

― Այո, ― պատասխանեցի ես։ ― Ամեն ինչ կարգին է, Կետ։

― Կարգին է, սիրելիս, կարգին։ Մի հուզվիր։ Հիմա մենք մի լավ կքնենք և վաղն արդեն հարբածի նման չես լինի։

― Ես շատ եմ հարբած, ― ասացի։ ― Այս օրը օպերետի էր նման։ Գուցե սոված եմ։

― Հոգնած ես, սիրելիս։ Կանցնի ամեն ինչ։

Կառքը կանգ առավ հյուրանոցի առջև։ Մի տղա դուրս եկավ դռնից ու վերցրեց ճամպրուկները։

― Արդեն անցնում է, ― ասացի ես։

Մենք արդեն մայթ էինք իջել ու քայլում էինք դեպի հյուրանոց։

― Գիտեի, որ կանցնի։ Դու պարզապես հոգնել ես։ Պետք է երկար քնես։

― Բոլոր դեպքերում մենք այստեղ ենք։

― Այո, իսկապես այստեղ ենք։

Հետևեցինք ճամպրուկները տանող տղային ու մտանք հյուրանոց։

Գիրք հինգերորդ

Գլուխ 38

Այդ աշնանը շատ ուշ ձյուն եկավ։ Մենք ապրում էինք լեռնալանջին, սոճիներով շրջապատված, մի փայլտաշեն տնակում, և գիշերները սառնամանիք էր լինում, այնպես որ խոհանոցի սեղանին դրված երկու սափորների ջուրն առավոտյան ծածկվում էր բարակ սառցաշերտով։ Միսսիս Գութթհինգհենը առավոտ կանուխ սենյակ էր մտնում, փակում պատուհանները և վառում հախճասալե բարձր վառարանը։ Սոճու փայտերը ճթճթում էին ու բոցավառվում, և կրակն սկսում էր ճարճատել, և միսսիս Գութթինգհենը երկրորդ անգամ սենյակ էր մտնում, բերելով խոշոր վառելափայտեր ու սափորով տաք ջուր։ Երբ սենյակն արդեն տաքացած էր լինում, նախաճաշ էր տալիս մեզ։ Նախաճաշում էինք անկողնում, որտեղից երևում էր լիճը և հանդիպակաց ֆրանսիական ափի լեռները։ Լեռնագագաթները ձյունով էին ծածկված, և լիճը մոխրագույն էր՝ պողպատի կապտերանգով։

Դրսում, հյուղակի առջևից մի ճանապարհ էր անցնում։ Անվահետքերն ու ակոսները քարացել էին սառնամանիքից, և ճանապարհը համառորեն մագլցում էր անտառի միջով, հետո պտտվում լեռան վրա և հասնում մինչև այնտեղ, որտեղ մարգագետիններ կային, իսկ անտառի եզրի մարգագետնում՝ դեպի հովիտ նայող մարագներ ու խրճիթներ։ Հովիտը խորն էր, և փոքրիկ մի գետակ էր հոսում ներքևում ու թափվում լիճը, իսկ երբ հովտից քամի էր փչում, լսվում էր քարերին զարնվող ջրերի աղմուկը։

Երբեմն մենք դուրս էինք գալիս ճանապարհից ու քայլում անտառի արահետով։ Անտառում հողը փափուկ էր, չէր պնդացել սառնամանիքից, ինչպես ճանապարհի վրա։ Բայց ճանապարհի պինդ հողը մեզ չէր խանգարում, որովհետև մեր ներբանների ու կրունկների տակ մեխեր կային, և մեխերը խրվում էին սառած հողի մեջ, և մեխված կոշիկներով հաճելի էր քայլել ճանապարհին, դա մի տեսակ կայտառացնում էր մեզ։ Բայց անտառում քայլելը ևս պակաս հաճելի չէր։

Մեր տան մոտից լեռնալանջը կտրուկ իջնում էր դեպի լճափի փոքրիկ հարթավայրը, և արևոտ օրերին մենք նստում էինք գավթում ու դիտում լեռնալանջին գալարվող ճանապարհը, դարավանդում տարածված խողողի այգիները, որոնք անշնչացել էին ձմռանը, և դաշտերը, որոնք կտրտված էին քարե ցանկապատներով, և խաղողի այգիներից ներքև, լճափնյա նեղ հարթավայրում գտնվող քաղաքի տները։ Լճում մի կղզյակ կար, իսկ կղզյակում՝ երկու ծառ, որոնք նման էին ձկնորսական նավակի կրկնակի առագաստների։ Հանդիպակաց ափի լեռները սրագագաթ էին ու զառիթափ, և լճի հարավում, երկու լեռնաշարքերի միջև ընկած էր Ռոնայի հովիտը, իսկ հեռվում, այնտեղ, ուր լեռները կտրում էին հովիտը, երևում էր Dent du Midi-ն։ Դա բարձր ու ձյունածածկ մի լեռ էր, որ իշխում էր հովտի վրա, բայց այնքան հեռու էր, որ ստվեր չէր գցում։

Արևոտ օրերին գավթում էինք նախաճաշում, իսկ մյուս օրերին ուտում էինք վերևում, տախտակե հարթ պատերով մեր փոքրիկ սենյակում, որի անկյունում մի մեծ վառարան կար։ Քաղաքից գրքեր ու ամսագրեր գնեցինք և սովորեցինք երկու հոգիանոց թղթախաղի բազմաթիվ տեսակներ։ Վառարանով փոքրիկ սենյակը մեր հյուրասենյակն էր։ Այնտեղ երկու հարմարավետ բազկաթոռ կար և ամսագրերի ու գրքերի սեղան, իսկ երբ ամանները հավաքում էին, ճաշասեղանի վրա թուղթ էինք խաղում։ Միստր և միսսիս Գութթինգհենները ներքևի հարկում էին ապրում, ու երեկոները երբեմն լսում էինք նրանց խոսակցության ձայները, ու նրանք ևս երկուսով շատ երջանիկ էին։ Ամուսինը եղել էր գլխավոր մատուցող, իսկ կինը՝ նույն հյուրանոցում՝ սպասուհի, և նրանք փող էին հավաքել ու գնել այս տունը։ Մի տղա ունեին, որը նույնպես գլխավոր մատուցող էր դառնալու։ Նա ծառայում էր Ցյուրիխի հյուրանոցներից մեկում։ Ներքևում հյուրասենյակ կար, որտեղ գինի և գարեջուր էին վաճառում, ու երեկոները երբեմն լսում էինք, թե ինչպես սայլերը կանգ էին առնում դռան առջև, և տղամարդիկ բարձրանում էին աստիճաններով ու հյուրասենյակ մտնում գինի խմելու։

Միջանցքում մեր սենյակի դիմաց, փայտերով լեցուն մի արկղ կար, ու ես այնտեղից վառելափայտ էի վերցնում և գցում վառարանի մեջ։ Բայց մենք երկար չէինք նստում։ Պառկում էինք մեր ընդարձակ և մութ ննջարանում, և հանվելուց հետո, ես բացում էի պատուհանը և նայում գիշերվա պաղ աստղերին, և պատուհանի տակ գտնվող սոճիներին և հետո հնարավորին չափ արագ անկողին մտնում։ Հաճելի է անկողնում պառկել, երբ օդն այդքան սառն է ու մաքուր, իսկ դրսում գիշեր է։ Մենք խորն էինք քնում, ու երբ գիշերը արթնանում էի, արդեն գիտեի պատճառը, դուրս էի գալիս վերմակի տակից և զգուշորեն շարժվում, որպեսզի չանհանգստացնեմ Կետրինին, իսկ հետո նորից քուն էի մտնում, մի տեսակ նոր թեթևություն զգալով բարակ ծածկոցի տակ։ Պատերազմը թվում էր շատ հեռու։ Բայց թերթերից գիտեի, որ լեռներում շարունակվում էր կռիվը, որովհետև դեռ ձյուն չէր գալիս։

Երբեմն իջնում էինք Մոնտրե։ Ներքև տանող մի արահետ կար, բայց այնքան թեք էր, որ մենք սովորաբար նախընտրում էինք ճանապարհով գնալ և քայլում էինք սառնամանիքից քարացած լայն ճամփով, որն անցնում էր դաշտերի միջով և ապա՝ խաղողի այգիների քարե ցանկապատների միջով, իսկ ավելի ներքևում՝ գյուղական տների արանքներով։ Երեք գյուղ էին՝ Շերնե, Ֆոնտանիվան, իսկ մյուսի անունը չեմ հիշում։ Շարունակում էինք քայլել այդ նույն ճանապարհով և անցնում լեռան ծայրին գտնվող քարե հսկա chateau-ի կողքով, որը շրջապատված էր խաղողի այգիներով։ Յուրաքանչյուր վազը կապված էր մի ձողի, և բոլոր վազերը չոր էին ու գորշ, և հողը ծարավ էր ձյան, և ներքևում լիճն էր, պողպատի նման հարթ ու մոխրագույն։ Chateau-ից հետո ճանապարհը կտրուկ իջնում էր ցած, ապա աջ դառնում, այնուհետև սալահատակված զառիթափով հասնում մինչև Մոնտրե։

Մոնտրեում ծանոթներ չունեինք։ Մենք քայլում էինք լճափով ու դիտում կարապներին, անթիվ ճայերին և մրրկահավերին, որոնք հենց որ մոտենայիր, թռչում էին ու, ներքև նայելով, ճվճվում։ Ափերից հեռու լողում էին փոքրիկ ու թխագույն սուզահավերի երամները ու հետքեր թողնում ջրի վրա։ Հետո զբոսնում էինք քաղաքի գլխավոր փողոցում և դիտում խանութների ցուցափեղկերը։ Բազմաթիվ հյուրանոցներ կային այնտեղ, որոնք փակ էին հիմա, բայց գրեթե բոլոր խանութները բաց էին, և ամենուրեք մեզ հետ շատ սիրալիր էին ընդունում։ Մի հիանալի վարսավիրանոց կար, որտեղ Կետրինը գնում էր մազերը հարդարելու։ Վարսավիրանոցի տիրուհին ուրախ֊զվարթ մի կին էր, Մոնտրեի մեր միակ ծանոթը։ Երբ Կետրինը վարսավիրանոցում էր լինում, ես նստում էի գարեջրատանը, մյունխենյան սև գարեջուր խմում ու թերթ կարդում։ Կարդում էի «Կորիերե դելլա Սերա» և Փարիզից եկած անգլիական ու ամերիկյան թերթեր։ Բոլոր հայտարարությունների վրա ներկ էր քսված, որպեսզի, ըստ երևույթին, անհնար լիներ դրանց միջոցով թշնամու հետ կապ պահպանել։ Անուրախ ընթերցանություն էր։ Ամեն տեղ վիճակն անուրախ էր։ Այս անգամ ևս, սև գարեջրի ծանր գավաթը ձեռքիս, նստել էի անկյունում, բաց արել pretzels-ի[29] թղթե փաթեթը և pretzels էի ուտում, որի աղի համը շատ էր դուրս գալիս, մանավանդ որ դրանից հետո գարեջուրն էլ ավելի հաճելի էր դառնում, և կարդում էի ջախջախման մասին։ Կարծում էի, թե Կետրինը շուտով կգա, բայց չէր գալիս, ու ես թերթերը դրեցի սեղանին, վճարեցի գարեջրի փողը և փողոց դուրս ելա նրան փնտրելու։ Ձմեռային ցուրտ ու մռայլ օր էր, նույնիսկ պատերի քարերը ցուրտ էին թվում։ Կետրինը դեռ վարսավիրանոցում էր։ Տիրուհին գանգրացնում էր նրա մազերը։ Տաղավարում նստած դիտում էի նրան։ Դա ինձ հուզում էր, և Կետրինը ժպտում ու խոսում էր ինձ հետ, և իմ ձայնը մի փոքր խռպոտ էր հուզմունքից։ Հաճելի էր լսել ունելիների զնգզնգոցը, և ես Կետրինին տեսնում էի երեք տարբեր հայելիների մեջ, և տաղավարում տաք էր ու հաճելի։ Երբ տիրուհին վերջացրեց գործը, Կետրինը նայեց հայելուն և մի քիչ փոխեց սանրվածքը, հանելով ու դնելով հերակալները, հետո վեր կացավ։

― Ներիր, որ այսքան սպասցրի։

― Monsoeur֊ի համար շատ հետաքրքրական էր։ Այնպես չէ՞, monsieur, ― ժպտաց տիրուհին։

― Այո, ― ասացի ես։

Մենք դուրս եկանք և քայլեցինք փողոցով։ Ցուրտ էր, և քամի էր փչում։

― Ես քեզ շատ եմ սիրում, ― ասացի ես։

― Լավ ժամանակ ենք անցկացնում, չէ՞, ― ասաց Կետրինը։ ― Գիտե՞ս ինչ։ Արի մի տեղ մտնենք և թեյի փոխարեն գարեջուր խմենք։ Դա շատ օգտակար է փոքրիկ Կետրինի համար։ Չի թողնի, որ շատ աճի։

― Փոքրիկ Կետրին, ― ասացի ես։ ― Ծույլի մեկն է։

― Շատ խելոք է, ― ասաց Կետրինը։ ― Հազվադեպ է ինձ անհանգստացնում։ Բժիշկն ասում է, որ գարեջուրն օգտակար է և չի թողնի, որ փոքրիկը շատ աճի։

― Եթե շատ չաճի և տղա լինի, կարող է ժոկեյ դառնա։

― Ինձ թվում է, որ եթե երեխան ծնվի, մենք պետք է իսկապես ամուսնանանք, ― ասաց Կետրինը։

Մենք նստել էինք գարեջրատան անկյունում։ Արդեն մթնում էր։ Դեռ կանուխ էր, բայց մռայլ օր էր, ու շուտ մթնեց։

― Հենց հիմա էլ ամուսնանանք, ― ասացի ես։

― Ոչ, ― ասաց Կետրինը։ ― Հիմա անհարմար է։ Պարզ երևում է, որ հղի եմ։ Այս վիճակում ես ոչ ոքի չեմ ներկայանա ու չեմ ամուսնանա։

― Երանի առաջ ամուսնանայինք։

― Երևի ավելի լավ կլիներ։ Բայց ե՞րբ կարող էինք, սիրելիս։

― Չգիտեմ։

― Ես մի բան գիտեմ։ Հարգարժան տնտեսուհու տեսքով չեմ գնա ամուսնանալու։

― Դու ինչ տնտեսուհի ես։

― Ինչո՞ւ, իսկական տնտեսուհի եմ, սիրելիս։ Վարսավիրուհին հարցնում էր, թե սա մեր առաջի՞ն երեխան է։ Ես ստեցի և ասացի, ոչ, երկու տղա և երկու աղջիկ ունենք։

― Ե՞րբ ենք ամուսնանալու։

― Հենց որ նորից նիհարեմ։ Ուզում եմ, որ փառավոր հարսանիք անենք, որպեսզի բոլորն էլ մտածեն, թե այս ինչ գեղեցիկ զույգ է։

― Եվ դա քեզ չի՞ վշտացնում։

― Իսկ ինչո՞ւ վշտանամ սիրելիս։ Ես միայն մի անգամ վատ զգացի, հիշո՞ւմ ես, Միլանում, երբ ինձ թվաց, թե անառակ կին եմ, բայց դա ընդամենը յոթ րոպե տևեց, բացի այդ, սենյակի կահավորանքն էր վրաս ազդել։ Մի՞թե ես վատ կին եմ։

― Դու հրաշալի կին ես։

― Այդ դեպքում ձեռնարկությունների մասին մի մտածիր, սիրելիս։ Հենց որ նորից նիհարեմ, կամուսնանանք։

― Լավ։

― Ի՞նչ ես կարծում, էլի գարեջուր չխմեմ։ Բժիշկն ասաց, որ կոնքս բավական նեղ է և լավ կլինի չթողնել, որ փոքրիկ Կետրինը շատ աճի։

― Ուրիշ ի՞նչ ասաց, ― անհանգստացա ես։

― Ոչինչ։ Արյան ճնշումս սքանչելի է, սիրելիս։ Նա հիացել էր իմ արյան ճնշման վրա։

― Իսկ էլ ի՞նչ ասաց կոնքերիդ մասին։

― Ոչինչ։ Ոչ մի բան։ Ասաց, որ չի կարելի դահուկ քշել։

― Ճիշտ է։

― Ասաց, որ եթե քշել չգիտեմ, արդեն ուշ է սովորել։ Ասաց, որ կարելի է դահուկ քշել, միայն թե չընկնեմ։

― Կատակասեր բժիշկ է։

― Իսկապես լավ բժիշկ է։ Ծննդաբերության ժամանակ նրան կհրավիրենք։

― Չհարցրի՞ր, ամուսնանա՞նք, թե ոչ։

― Ոչ։ Ասացի, որ արդեն չորս տարի է, ինչ ամուսնացած ենք։ Գիտես, սիրելիս եթե քեզ հետ ամուսնանամ, ամերիկուհի եմ դառնալու, իսկ ամերիկյան օրենքների համաձայն, երբ էլ որ ամուսնանաս, երեխան օրինական է համարվում։

― Որտեղի՞ց իմացար։

― Նյու֊Յորքի «Ուորլդ ալմանախից»։ Գրադարանում կարդացի։

― Դու հրաշալի աղջիկ ես։

― Շատ ուրախ եմ, որ ամերիկուհի եմ դառնալու, և մենք Ամերիկա կգնանք, այնպես չէ՞, սիրելիս։ Ուզում եմ Նիագարայի ջրվեժը տեսնել։

― Դու հրաշալի աղջիկ ես։

― Էլի մի բան եմ ուզում տեսնել, բայց չեմ հիշում ինչ։

― Սպանդանո՞ցը։

― Ոչ։ Չեմ հիշում։

― Ուլվորթի շե՞նքը։

― Ոչ։

― Մեծ Քանիո՞նը։

― Ոչ։ Բայց դա էլ կուզենայի։

― Դե, ասա, ի՞նչը։

― Ոսկե դարպասը։ Դա եմ ուզում տեսնել։ Որտե՞ղ է Ոսկե դարպասը։

― Սան֊Ֆրանցիսկոյում։

― Դե որ այդպես է, այնտեղ գնանք։ Եվ ընդհանրապես ուզում եմ նաև Սան֊Ֆրանցիսկոն տեսնել։

― Շատ լավ։ Կգնանք։

― Իսկ հիմա բարձրանանք լեռը։ Չէ՞։ Կհասնե՞նք գնացքին։

― Հինգից մի քանի րոպե անց գնացք է գնում։

― Հենց դա էլ կնստենք։

― Լավ։ Մի քիչ գարեջուր խմեմ, հետո։

Մենք դուրս եկանք, քայլեցինք փողոցով, ապա բարձրացանք կայարանի աստիճաններով ու զգացինք, որ շատ ցուրտ է։ Ռոնի հովտից սառը քամի էր փչում։ Խանութների ցուցափեղկերում լույսեր էին վառվում, և մենք քարե ոլորուն աստիճաններով բարձրացանք վերևի փողոցը, հետո՝ էլի աստիճաններ, որոնք տանում էին կայարան։ Լուսավորված էլեկտրագնացքն արդեն կառամատույցում էր։ Չվացուցակի վրա նշված էր մեկնման ժամը։ Ժամացույցի սլաքները կանգնել էին հինգն անց տասի վրա։ Նայեցի կայարանի ժամացույցին։ Հինգն անց հինգ էր։ Երբ վագոն մտանք, տեսա, թե ինչպես մեքենավարն ու ուղեկցորդը դուրս եկան կայարանի գինետնից։ Մենք նստեցինք ու բաց արինք պատուհանը։ Վագոնը տաքացվում էր էլեկտրականությամբ, և տոթ էր, բայց պատուհանից թարմ և ցուրտ օդ էր գալիս։

― Հոգնա՞ծ ես, Կետ, ― հարցրի ես։

― Ոչ։ Շատ լավ եմ զգում։

― Երկար չի տևի։

― Ես սիրում եմ գնացքով ճամփորդել, ― ասաց նա։ ― Մի անհանգստանա, սիրելիս։ Լավ եմ զգում։

Ծննդյան տոներից երեք օր առաջ ձյուն եկավ։ Մի առավոտ զարթնեցինք ու տեսանք, որ ձյուն է գալիս։ Վառարանում ճթճում էր կրակը, ու մենք, անկողնում պառկած, նայում էինք, թե ինչպես է ձյունն իջնում։ Նախաճաշից հետո միսսիս Գութթինգհենը հավաքեց սեղանը և փայտ գցեց վառարանի մեջ։ Ուժեղ ձնեբուք էր։ Միսսիս Գութթինգհենն ասաց, որ ձյունն սկսվեց տեղալ մոտավորապես կեսգիշերին։ Մոտեցա պատուհանին ու դուրս նայեցի, բայց ճանապարհից այն կողմ ոչինչ չէր երևում։

Կատաղի ձյուն էր ու քամի։ Ես նորից անկողին մտա, ու մենք պառկած զրուցում էինք։

― Շատ կուզենայի դահուկ քշել, ― ասաց Կետրինը։ ― Ինչ զզվելի է, որ չեմ կարող։

― Սահնակ կճարենք, կիջնենք։ Դա ավտոմեքենայից ավելի վտանգավոր չէ։

― Իսկ չի՞ ցնցի։

― Տեսնենք։

― Երանի շատ չցնցեր։

― Քիչ հետո կարող ենք ման գալ ձյան վրա։

― Ճաշից առաջ, ― ասաց Կետրինը, ― որպեսզի ախորժակներս բացվի։

― Ես միշտ էլ սոված եմ։

― Ես էլ։

Մենք դուրս եկանք, բայց չորս կողմը ձնաթմբեր էին գոյացել, և հնարավոր չէր հեռու գնալ։ Ես առաջ անցա և իմ ոտնահետքերով ճանապարհ բացեցի, բայց մինչև կայարան հասնելը ստիպված եղանք ահագին ճամփա կտրել։ Քամին այնպես էր փչում, որ հազիվ էինք կարողանում որևէ բան տեսնել, և մենք մտանք կայարանի կողքի գինետունը, և ավելով ծանր ձյունը թափ տվինք մեկս մյուսի վրայից, և նստեցինք նստարանին, և վերմուտ խնդրեցինք։

― Ուժեղ փոթորիկ է, ― ասաց մատուցողուհին։

― Այո։

― Այս տարի ուշ ձյուն եկավ։

― Այո։

― Ինչ կլինի, որ մի քիչ շոկոլադ ուտեմ, ― հարցրեց Կետրինը։ ― Թ՞ե շուտով նախաճաշի ժամն է։ Միշտ սոված եմ։

― Մի քիչ կեր, ― ասացի ես։

― Ընկույզով շոկոլադ կվերցնեմ, ― ասաց Կետրինը։

― Ընկույզով շատ համեղ է, ― ասաց աղջիկը։ ― Ես ամենից շատ ընկույզով եմ սիրում։

― Մի հատ էլ վերմուտ կխմեմ, ― ասացի ես։

Վերադարձին ձյունն արդեն ծածկել էր ճանապարհը։ Հիմա մեր նախկին հետքերի տեղ հազիվ նկատելի փոսեր էին մնացել։ Քամին փչում էր ուղիղ մեր երեսներին, ու մենք գրեթե ոչինչ չէինք տեսում։ Ձյունը թափ տվինք մեր վրայից ու մտանք նախաճաշելու։ Միստր Գոթթինգհենն էր սպասարկում։

― Վաղը կարելի է դահուկ քշել, ― ասաց նա։ ― Դահուկ քշո՞ւմ եք, միստ Հենրի։

― Ոչ։ Բայց ուզում եմ սովորել։

― Հեշտ կսովորեք։ Ծննդյան տոներին տղաս գալու է, նա կսովորեցնի ձեզ։

― Դե լավ է։ Ե՞րբ է գալու։

― Վաղը գիշեր։

Երբ նախաճաշից հետո, մեր փոքրիկ սենյակի վառարանի մոտ նստած, նայում էինք պատուհանից ու տեսնում, թե ինչպես էր ձյունը գալիս, Կետրինն ասաց․

― Չե՞ս ուզում մենակ տեղ գնալ, սիրելիս, տղամարդկանց շրջապատում լինել, դահուկ քշել։

― Ոչ։ Ինչո՞ւ պիտի ուզենամ։

― Երբեմն ինձ թվում է, թե կուզենայիր նաև ուրիշ մարդկանց տեսնել։

― Իսկ դու ուզո՞ւմ ես ուրիշ մարդկանց տեսնել։

― Ոչ։

― Ես էլ չեմ ուզում։

― Գիտեմ։ Բայց դու տարբեր ես։ Ես երեխա եմ սպասում և ինձ համար հաճելի է ոչինչ չանելը։ Գիտեմ, որ սարսափելի բթացել եմ ու շատ եմ խոսում և ինձ թվում է, որ ավելի լավ կլիներ, եթե գնայիր, վախենում եմ ձանձրանաս ինձնից։

― Իսկ դու ուզո՞ւմ ես, որ գնամ։

― Ոչ։ Ուզում եմ, որ մնաս։

― Դե ես էլ ոչ մի տեղ չեմ գնա։

― Մոտ արի, ― ասաց նա։ ― Ուզում եմ ձեռք տալ գլխիդ ուռուցքին։ Ինչ մեծ ուռուցք է։ ― Նա մատներով շոշափեց գլուխս։ ― Սիրելիս, ինչո՞ւ մորուք չես թողնում։

― Ուզո՞ւմ ես թողնեմ;

― Զվարճալի կլինի։ Ուզում եմ քեզ մորուքով տեսնել։

― Լավ։ Կթողնեմ։ Հենց հիմա, հենց մեկ վայրկյանից։ Դա լավ միտք է։ Գոնե զբաղմունք կունենամ։

― Իսկ դու վշտանո՞ւմ ես, որ անելիք չունես։

― Ոչ։ Ես շատ գոհ եմ։ Ինձ դուր է գալիս մեր կյանքը։ Իսկ քե՞զ։

― Ինձ էլ։ Բայց վախենում եմ, որ այս վիճակում ձանձրալի լինեմ քեզ համար։

― Օ, Կետ։ Չես պատկերացնում, թե ինչքան եմ քեզ սիրում։

― Նույնիսկ այս վիճակո՞ւմ։

― Ինչ վիճակում էլ լինես։ Ես շատ երջանիկ եմ։ Մի՞թե հաճելի չէ մեր կյանքը։

― Այո, բայց ինձ թվում է, որ դու մի տեսակ անհանգիստ ես։

― Ոչ։ Երբեմն հիշում եմ ռազմաճակատն ու իմ ծանոթներին, բայց դա ինձ չի մտահոգում։ Ես ոչ մի բանի մասին երկար չեմ մտածում։

― Ո՞ւմ ես հիշում։

― Ռինալդիին, և քահանային, և ուրիշ շատերի։ Բայց երկար չեմ մտածում։ Չեմ ուզում պատերազմի մասին մտածել։ Պատերազմն ինձ համար այլևս գոյություն չունի։

― Իսկ հիմա՞ ինչ ես մտածում։

― Ոչինչ։

― Ոչ, մտածում ես։ Ասա։

― Մտածում էի, թե Ռինալդին իսկապե՞ս սիֆիլիս ուներ։

― Միայն դա՞։

― Այո։

― Իսկ ունե՞ր։

― Չգիտեմ։

― Ուրախ եմ, որ դու չունես։ Իսկ նման բաներով չե՞ս հիվանդացել։

― Սուսանակով։

― Լսել անգամ չեմ ուզում։ Ցավո՞տ էր սիրելիս։

― Շատ։

― Կուզենայի ես էլ ունենալ։

― Ինչ մի ունենալու բան է։

― Չէ, ճիշտ եմ ասում։ Ուզում եմ ամեն ինչով քեզ նման լինել։ Կուզենայի ճանաչել այն բոլոր կանանց, որոնց դու ես ճանաչել, որպեսզի հետո քեզ մոտ ձեռք առնեի նրանց։

― Այ, դա գեղեցիկ պատկեր կլիներ։

― Իսկ սուսանակով հիվանդանալը բնավ էլ գեղեցիկ պատկեր չէ։

― Գիտեմ։ Տես ինչ ձյուն է գալիս։

― Իսկ ես ուզում եմ միայն քեզ տեսնել։ Սիրելիս, ինչո՞ւ երկար մազեր չես թողնում։

― Ի՞նչ երկար մազ։

― Թող մի քիչ երկարեն։

― Առանց այդ էլ երկար են։

― Ոչ, մի քիչ էլ թող, իսկ ես իմը կկտրեմ, և մենք իրար նման կլինենք, միայն թե մեկս շիկահեր, իսկ մյուսս՝ սևահեր։

― Չեմ ուզում, որ մազերդ կտրես։

― Ինչո՞ւ, զվարճալի կլինի։ Հոգնել եմ երկար մազերից։ Գիշերները ինձ խանգարում են անկողնում։

― Ես հավանում եմ քո մազերը։

― Իսկ եթե կարճ լինեն, չե՞ս հավանի։

― Գուցե։ Բայց հիմա ինձ այսպես է դուր գալիս։

― Գուցե կարճ ավելի դուր գա։ Մենք կնմանվենք իրար։ Սիրելիս, ես քեզ այնքան եմ ուզում, որ ուզում եմ քո մեջ լինել։

― Դու իմ մեջ ես։ Ես ու դու նույնն ենք։

― Գիտեմ։ Գիշերները։

― Գիշերներն ամեն ինչ հրաշալի է։

― Ուզում եմ, որ մենք խառնված լինենք, չջոկվենք իրարից։ Չեմ ուզում, որ գնաս։ Ես դիտմամբ ասացի։ Եթե ուզում ես, գնա։ Բայց շուտ վերադարձիր։ Սիրելիս, ես ընդհանրապես դադարում եմ ապրել, երբ դու իմ կողքին չես։

― Երբեք չեմ հեռանա քեզնից, ― ասացի ես։ ― Ես ոչ մի բանի պետք չեմ, երբ դու իմ կողքին չես։ Ոչ մի կյանք չունեմ։

― Իսկ ես ուզում եմ, որ ունենաս։ Ուզում եմ, որ շատ լավ ապրես։ Բայց մենք միասին ենք ապրելու, չէ՞։

― Հիմա ի՞նչ ես ասում, մորուք թողնեմ, թե՞ ոչ։

― Թող։ Հետաքրքիր կլինի։ Գուցե մինչև նոր տարին աճի։

― Ուզո՞ւմ ես շախմատ խաղալ։

― Կուզենայի քեզ հետ խաղալ։

― Ոչ։ Շախմատ խաղանք։

― Իսկ հետո կխաղա՞նք իրար հետ։

― Այո։

― Դե լավ։

Վերցրի շախմատը ու դասավորեցի խաղաքարերը։ Դրսում դեռ ուժեղ ձյուն էր գալիս։

Մի անգամ գիշերը զարթնեցի ու զգացի, որ Կետրինն էլ է արթուն։ Դրսում պարզ լուսին էր, ու պատուհանի ստվերն ընկել էր մահճակալի վրա։

― Արթո՞ւն ես, սիրելիս։

― Այո։ Չե՞ս կարողանում քնել։

― Քիչ առաջ զարթնել, մտածում էի, թե ինչքան խենթ էի, երբ քեզ նոր հանդիպեցի։ Հիշո՞ւմ ես։

― Այո, մի քիչ խենթ էիր։

― Իսկ հիմա ոչ։ Հիմա ամեն ինչ հրաշալի է։ Դու այնքան քաղցր ես արտասանում այդ բառը։ Ասա «հրաշալի»։

― Հրաշալի։

― Օ, ինչ քաղցր ես։ Ես հիմա արդեն խենթ չեմ։ Հիմա ես շատ, շատ, շատ երջանիկ եմ։

― Քնիր, ― ասացի ես։

― Լավ։ Արի երկուսս էլ ճիշտ նույն պահին քնենք։

― Լավ։

Բայց չկարողացանք նույն պահին քնել։ Ես դեռ բավական արթուն մնացի։ Մտածում էի տարբեր բաների մասին ու նայում քնած Կետրինին։ Լուսնի լույսն ընկել էր երեսին։ Հետո ես էլ քնեցի։

Գլուխ 39

Հունվարի կեսերին ես արդեն մորուք ունեի, և ցերեկները ցուրտ էին ու պայծառ, և գիշերները՝ ցուրտ ու դաժան։ Նորից կարելի էր զբոսնել ճանապարհին։ Ձյունն ամուր էր ու հարթ, որովհետև անընդհատ սահնակներ էին անցնում լեռներից խոտ ու գերան տեղափոխում։ Ամենուրեք, գրեթե մինչև Մոնտրե, ձյուն էր նստած։ Հանդիպակաց ափի լեռները սպիտակել էին, և Ռոնիի հովիտը կորել էր ձյան տակ։ Մենք երկար զբոսնում էինք սարից այն կողմ ու հասնում մինչև Բեն դել Ալյեզ։ Կետրինը հագնում էր մեխված ներբաններով կոշիկներ, թիկնոց և վերցնում մետաղե սրածայր վերջավորությամբ մի գավազան։ Թիկնոցի տակ խոշոր չէր թվում մարմինը, և մենք արագ չէինք քայլում, ու երբ նա հոգնում էր, նստում էինք ճամփեզրի գերանների վրա։

Բեն Դել Այլեզում մի գինետուն կար ծառերի տակ, սովորաբար այնտեղ փայտահատներ էին գալիս խմելու, և մենք նստում էինք վառարանի մոտ և խմում լիմոնով ու այլ համեմունքներով խառնված տաք կարմիր գինի։ Կոչվում էր gluhwein, դա հիանալի գինի է, եթե ուզում ես տաքանալ կամ որևէ տոն նշել։ Գինետունը մութ էր ու ծխոտ և, շունչ քաշելիս, անզգայանում էր քթիդ ծայրը։ Մենք նայում էինք գինետանը, որի բոլոր պատուհաններում լույս էր վառվում, և մուտքի մոտ փայտահատների ձիերը շարժում էին գլուխները և սմբակները գետին խփում, որպեսզի տաքանան։ Նրանց դնչերի մազիկներին եղյամ էր պատել, և նրանց արտաշնչած գոլորշին սառչում էր օդում։ Վերադարձի ճանապարհը հարթ էր ու սահուն, և սառույցը ձիերի մեզից նարնջագույն էր դարձել։ Մենք քայլում էինք մինչև շրջադարձը, և արահետը, որով գերաններ էին տանում, թեքվում հեռանում էր մեզնից։ Պինդ ձյունով ծածկված ճանապարհն անցնում էր անտառի միջով, ու երեկոները տուն վերադառնալիս, երկու անգամ աղվես տեսանք։ Հրաշալի վայրեր էին դրանք, ու երբ զբոսանքի էինք դուրս գալիս, ուրախ էր անցնում ժամանակը։

― Հիանալի մորուք ունես, ― ասաց Կետրինը։ ― Փայտահատի ես նման։ Տեսա՞ր ոսկե ականջօղերով մարդուն։

― Քարայծ է որսում, ― ասացի ես։ ― Նրանք ականջօղ են դնում, որովհետև դրանք իբր թե սրում են լսողությունը։

― Իսկապե՞ս։ Չեմ հավատում։ Ինձ թվում է, դիտմամբ են օղ դնում, ուզում են ցույց տալ, որ քարայծի որս են անում։ Իսկ այս կողմերում քարայծ կա՞։

― Այո, Դա դը Ժամանի մոտակայքում։

― Իսկ զվարճալի էր, չէ՞, որ աղվես տեսանք։

― Աղվեսը քնելիս պաչը փաթաթում է մարմնին, որպեսզի տաքանա։

― Երևի ինչքան հաճելի է։

― Ես միշտ էլ ցանկացել եմ այդպիսի պոչ ունենալ։ Զվարճալի կլիներ, չէ՞, եթե բոլորս էլ աղվեսի նման պոչ ունենայինք։

― Իսկ ինչպե՞ս պիտի հագնվեինք։

― Հատուկ զգեստներ կպատվիրեինք, կամ էլ այնպիսի երկրում կապրեինք, որտեղ զգեստը ոչ մի նշանակություն չունի։ Մի՞թե հրաշալի չէ, որ մենք այստեղ ոչ ոքի չենք տեսնում։ Դու ոչ մեկի էլ չես ուզում տեսնել, այնպես չէ՞, սիրելիս։

― Այո։

― Մի քիչ նստենք։ Հոգնեցի։

Իրար կիպ կպած, նստեցինք գերանի վրա։ Ճանապարհը տանում էր դեպի անտառ։

― Ի՞նչ ես կարծում, փոքրիկը խանգարելո՞ւ է մեզ։

― Ոչ։ Թույլ չենք տա։

― Իսկ մենք փող ունե՞նք։

― Շատ։ Վերջին չեկն արդեն վճարեցին։

― Իսկ ձերոնք հիմա քեզ չե՞ն փնտրի, չէ՞ որ գիտեն, որ Շվեյցարիայում ես։

― Հավանաբար։ Մի օր նամակ կգրեմ։

― Դեռ չե՞ս գրել։

― Ոչ։ Միայն չեկն եմ ուղարկել, որ ստորագրեն

― Փառք աստծո, որ ես քո ազգականը չեմ։

― Հեռագիր կտամ։

― Իսկ դու նրանց չե՞ս սիրում, ինչ է։

― Սիրում էի, բայց այնքան ենք վիճել, որ էլ սեր չմնաց։

― Ինձ թվում է, որ ես կհավանեի նրանց։ Երևի շատ կհավանեի։

― Եկ իմ ազգականների մասին չխոսենք, թե ոչ կսկսեմ մտահոգվել, ― քիչ անց ասացի ես։ ― Գնանք, եթե հոգնած չես։

― Չէ, արդեն հանգստացա։

Շարունակեցինք քայլել։ Մութ էր, և ձյունը ճռճռում էր մեր ոտքերի տակ։ Չոր, ցուրտ և պարզ գիշեր էր։

― Մորուքդ ինձ դուր է գալիս, ― ասաց Կետրինը։ ― Քեզ շատ է սազում։ Թվում է կոշտ ու ծակող, բայց իրականում շատ փափուկ է ու հաճելի։

― Մորուքով ավելի՞ ես հավանում ինձ։

― Երևի, այո։ Գիտես ինչ, սիրելիս, մինչև փոքրիկ Կետրինի ծնվելը մազերս չեմ կտրի։ Հիմա ես շատ խոշոր եմ և տնտեսուհու եմ նման։ Բայց երբ նա ծնվի, ու ես նորից նիհարեմ, անպայման կկտրեմ, և այն ժամանակ քո աղջիկը կփոխվի, ու դու նրան չես ճանաչի։ Մենք երկուսով կգնանք ու կտրել կտանք մազերս, կամ էլ ես մենակ կգնամ, և դա քեզ համար անակնկալ կլինի։

Ես լուռ էի։

― Չես արգելի, չէ՞։

― Ոչ։ Ինձ թվում է, նույնիսկ կհավանեմ։

― Օ, ինչ լավն ես։ Գուցե ես շատ գեղեցիկ լինեմ, նիհարեմ ու ցանկալի դառնամ, և դու նորից սիրահարվես ինձ։

― Գրողը տանի, ― ասացի, ― ես հիմա էլ եմ քեզ սիրում։ Էլ ի՞նչ ես ուզում։ Խե՞լքս կորցնեմ։

― Այո, ուզում եմ, որ խելքդ էլ կորցնես։

― Դե լավ, ― ասացի ես, ― իմ ուզածն էլ հենց այդ է։

Գլուխ 40

Մենք հրաշալի օրեր անցկացրինք։ Հունվարին ու փետրվարին լեռնալանջին ապրեցինք, հրաշալի ձմեռ էր, և մենք շատ երջանիկ էինք։ Երբ տաք քամի էր փչում, կարճատև ձնհալ էր սկսվում, ձյունը փափկում էր, և գարնան հոտ էր գալիս, բայց ամեն անգամ երկինքը պարզվում էր, ցրտում, և նորից վերադառնում էր ձմեռը։ Մարտին ձմեռը նահանջեց։ Գիշերներն սկսեց անձրև տեղալ։ Անձրև էր տեղում նաև ամբողջ առավոտը, և ձյունը վերածվում էր ցեխի, և լեռան լանջը տխուր ու մռայլ տեսք էր ստանում։ Ամպերը ծածկեցին լիճն ու հովիտը։ Լեռների բարձրունքներում անձրև էր գալիս։ Կետրինը կրկնակոշիկ էր հագնում, իսկ ես միստր Գութթինգհենի ռետինե երկարաճիտ կոշիկները, ու մենք, նախաճաշից առաջ, հովանոց բռնած, քայլում էինք ցեխաջրերի միջով, որոնք սրբում տանում էին ճանապարհի սառույցները։ Գնում էինք կայարանի մոտակա գինետունը, վերմուտ խմելու։ Դրսից անձրևի ձայն էր գալիս։

― Ի՞նչ ես կարծում, քաղաք չտեղափոխվե՞նք։

― Իսկ քո՞ կարծիքն ինչ է, ― հարցրեց Կետրինը։

― Եթե ձմեռն անցավ, ու անձրևներ են գալու, տխուր կլինի այստեղ։ Ինչքա՞ն մնաց, որ փոքրիկ Կետրինը ծնվի։

― Մոտ մի ամիս։ Գուցե մի քիչ ավելի։

― Կարող ենք իջնել և Մոնտրեում ապրել։

― Իսկ ինչո՞ւ ոչ Լոզանում։ Հիվանդանոցն այնտեղ է։

― Դե լավ։ Ես պարզապես մտածում էի, որ դա շատ մեծ քաղաք է։

― Մեծ քաղաքում էլ կարող ենք մենակ լինել, իսկ Լոզանը երևի շատ գեղեցիկ է։

― Ե՞րբ գնանք։

― Ինձ համար միևնույն է։ Երբ որ ուզես, սիրելիս։ Կարող ենք նաև չգնալ, եթե չես ուզում։

― Տեսնենք, ինչպես կլինի եղանակը։

Երեք օր անձրև եկավ։ Կայարանից ցած գտնվող լեռան լանջին ձյուն չմնաց։ Ճանապարհը ծածկվել էր ցեխաջրով։ Այնքան խոնավ էր ու ցեխոտ, որ անհնար էր տնից դուրս գալ։ Անձրևի երրորդ օրը որոշեցինք քաղաք տեղափոխվել։

― Մի մտահոգվեք, միստր Հենրի, ― ասաց Գութթինգհենը։ ― Ոչ մի նախազգուշացում էլ պետք չէ։ Ես չէի էլ կարծում, որ եղանակը վատանալուց հետո կմնաք։

― Մենք պետք է Madame֊ի պատճառով հիվանդանոցին մոտ լինենք, ― ասացի ես։

― Հասկանում եմ, ― ասաց նա։ ― Գուցե էլի գաք ձեր փոքրիկի հետ։

― Ինչո՞ւ չէ, եթե ազատ սենյակ ունենաք։

― Գարնանն այստեղ հիանալի է, կարող եք գալ, մեծ հաճույք կստանաք։ Փոքրիկին ու դայակին կտեղավորենք մեծ սենյակում, որը հիմա փակ է, իսկ դուք և Madame֊ը կապրեք նույն սենյակում, լճի դիմաց։

― Նախօրորք կգրեմ ձեզ, ― ասացի ես։

Մենք հավաքեցինք մեր իրերը և, ճաշից հետո, առաջին գնացքով մեկնեցինք։ Միստր ու միսսիս Գութթինգհենները մեզ կայարան ուղեկցեցին, և ամուսինը մեր ճամպրուկները դրեց սահնակի վրա ու քշեց ցեխերի միջով։ Անձրևի տակ կանգնել էին կառամատույցում ու ձեռքով հրաժեշտ էին տալիս մեզ։

― Ինչ լավ մարդիկ էին, ― ասաց Կետրինը։

― Շատ ազնիվ էին մեր նկատմամբ։

Մոնտրեում նստեցինք Լոզան տանող գնացքը։ Ամպերը ծածկել էին այն լեռը, որի լանջին ապրել էինք մենք, ու վագոնի պատուհանից ոչինչ չէր երևում։ Գնացքը կանգ առավ Վեվեում, հետո շարունակեց ընթացքը։ Ճանապարհի մի կողմում լիճն էր, իսկ մյուս կողմում՝ թաց, գորշ դաշտեր, մերկ անտառներ ու թաց տնակներ։ Մենք Լոզան հասանք և տեղավորվեցինք փոքրիկ մի հյուրանոցում։ Դեռ անձրև էր գալիս, երբ մեր կառքն անցնում էր փողոցներով և գնում դեպի հյուրանոց։ Զգեստի ծալից շղթայակապ պղնձե բանալիներ կախած դռնապանը, վերելակը, հատակի գորգերը, փայլփլող սպասենրով լվացարանները, մետաղե մահճակալը և մեծ ու հարմարավետ ննջարանը, այս ամենը շատ շքեղ էին թվում Գութթինգհենների տնից հետո։ Սենյակի պատուհանները նայում էին դեպի թաց պարտեզը, որ շրջապատված էր պարիսպներով, պարիսպների վրա երկաթե վանդակներ էին ամրացված։ Զառիթափ ճանապարհի մյուս կողմում հենց այդպիսի պարիսպներով մի ուրիշ հյուրանոց կար։ Նայում էի, թե ինչպես էին անձրևի կաթիլները թափվում պարտեզի ավազանի մեջ։

Կետրինը վառեց բոլոր լույսերը ու սկսեց դատարկել ճամպրուկները։ Սոդայով վիսկի պատվիրեցի և, անկողնում պառկած, կարդացի կայարանում գնած թերթը։ 1918 թվականի մարտ ամիսն էր, և գերմանացիները հարձակվել էին Ֆրանսիայի վրա։ Սոդայով վիսկի էի խմում և թերթ կարդում, մինչև որ Կետրինը դատարկեց ճամպրուկները ու սկսեց պտտվել սենյակում։

― Գիտե՞ս ինչի մասին պետք է մտածեմ, սիրելիս, ― ասաց նա։

― Ինչի՞ մասին։

― Երեխայի հագուստների։ Այս ժամանակ բոլորն էլ հագուստներն արդեն գնած են լինում։

― Հիմա էլ կարող ես գնել։

― Գիտեմ։ Վաղը հենց դրանով էլ կզբաղվեմ։ Կիմանամ, թե ինչն է ամենից անհրաժեշտ։

― Առանց այդ էլ պետք է իմանայիր։ Չէ՞ որ հիվանդապահուհի ես եղել։

― Այո, բայց հիվանդանոցում զինվորները հազվադեպ էին երեխայի տեր դառնում։

― Իսկ ես դարձա։

Նա բարձը գցեց, և վիսկին ու սոդան թափվեցին։

― Էլի կպատվիրեմ, ― ասաց նա։ ― Ներիր, որ թափեցի։

― Ոչինչ, քիչ էր մնացել։ Արի ինձ մոտ։

― Ոչ։ Ես ուզում եմ այնպես անել, որ ինչ֊որ բանի նման լինի մեր սենյակը։

― Ինչի՞ նման։

― Մեր տան։

― Անտանտայի դրոշակը կախիր։

― Ձա՛յնդ։

― Այնպես զգույշ ես ասում, որ կարծես ոչ ոքի չես ուզում վիրավորել։

― Սխալվում ես։

― Դե ուրեմն արի ինձ մոտ։

― Լավ։ ― Եկավ, նստեց մահճակալին։ ― Գիտեմ, սիրելիս, հիմա ես քեզ համար շատ ծիծաղելի եմ։ Տակառի եմ նման։

― Ոչ, ոչ։ Դու գեղեցիկ ես, դու շատ քաղցր ես։

― Ինչ֊որ անճոռնի բանի հետ ես ամուսնացել։

― Ոչ։ Դու անընդհատ ավելի ես գեղեցկանում։

― Բայց ես նորից կնիհարեմ, սիրելիս։

― Հիմա էլ ես նիհար։

― Դու խմել ես։

― Միայն մի բաժակ։

― Հիմա էլի կբերեմ, ― ասաց նա։ ― Չխնդրե՞նք, որ ճաշն էլ այստեղ բերեն։

― Վատ չէր լինի։

― Դե ուրեմն դուրս չենք գա, չէ՞։ Ամբողջ երեկոն տանը կմնանք։

― Ու կխաղանք, ― ասացի ես։

― Գինի եմ խմելու, ― ասաց Կետրինը։ Չի վնասի։ Գուցե մեր հին, սպիտակ կապրին ունենան։

― Գուցե, ― ասացի ես։ ― Այսպիսի հյուրանոցներում միշտ էլ իտալական գինիներ են լինում։

Մատուցողը բախեց դուռը։ Սառույցով վիսկի բերեց, սկուտեղի վրա սոդայի մի փոքրիկ շիշ էլ կար։

― Շնորհակալություն, ― ասացի ես։ ― Այստեղ դրեք։ Խնդրում եմ երկու հոգու համար ճաշ բերել և երկու շիշ սեղանի սպիտակ կապրի, սառույցով։

― Իսկ սուպ չե՞ք ուզենա։

― Եթե կարելի է։

― Մի պնակ։

― Շատ լավ, սըր։

Նա դուրս եկավ ու փակեց դուռը։ Ես նորից թերթ կարդացի, կարդացի պատերազմի մասին, և սառույցով լցված վիսկիի բաժակի մեջ դանդաղ սոդա էի լցնում։ Պետք է ասեի, որ վիսկիի մեջ սառույց չդնեն։ Թող սառույցը առանձին բերեն։ Միայն այդպես կարելի էր որոշել, թե բաժակում որքան վիսկի կա, և հանկարծ չի պարզվի, որ սոդան շատ ես լցրել։ Պետք է մի շիշ վիսկի գնել և ասել, որ միայն սոդա ու սառույց բերեն։ Միակ հարմար ելքն է դա։ Լավ վիսկին շատ հաճելի բան է։ Կյանքի հաճելի երևույթներից մեկն է։

― Ինչի՞ մասին ես մտածում, սիրելիս։

― Վիսկիի։

― Իսկ ի՞նչ։

― Թե ինչ լավ բան է վիսկին։

Կետրինը ծամածռեց դեմքը։

― Դե լավ, ― ասաց նա։

Հյուրանոցում երեք շաբաթ մնացինք։ Վատ չէր։ Ռեստորանը սովորաբար դատարկ էր լինում, և գիշերները հաճախ մեր սենյակում էինք ուտում։ Զբոսնում էինք քաղաքում, տրամվայ նստում, հասնում Ուշի և զբոսնում լճի մոտ։ Եղանակը տաքացավ, և արդեն գարնան հոտ էր գալիս։ Ափսոսում էինք, որ լեռնալանջին չենք ապրում։ Բայց գարնանային եղանակն ընդամենը մի քանի օր էր տևում, և նահանջող ձմռան ցուրտ խոնավությունը նորից զգալի էր դառնում։

Կետրինը գնեց այն ամենն, ինչ անհրաժեշտ էր երեխային։ Ես հաճախում էի մարմնամարզական սրահ և բռնցքամարտի վարժություններ կատարում։ Սովորաբար առավոտներն էի գնում, երբ Կետրինը դեռ անկողնում էր լինում։ Այս կիսագարնանային օրերին շատ հաճելի էր բռնցքամարտից ու լոգանքից հետո քայլել փողոցում, շնչել գարնանային օդը և սրճարան մտնել, և մարդկանց դիտել, և թերթ կարդալ, և վերմուտ խմել, հետո վերադառնալ հյուրանոց ու նախաճաշել Կետրինի հետ։ Բռնցքամարտի մարզիչը բեղեր ուներ, շարժումները ճշգրիտ էին ու կտրուկ, ու նա չափազանց վախենում էր, երբ սկսում էի հարձակվել նրա վրա։ Բայց մարմնամարզության դահլիճում շատ հաճելի էր։ Օդավետ էր ու լուսավոր, և ես կարգին պարապում էի, պարանով ցատկում, բռնցքամարտի զանազան ձևեր սովորում և բաց պատուհանից ընկած արևի ճառագայթների շերտի տակ պառկում էի հատակին ու փորի վարժություններ կատարում ու, երբեմն, մարզիչի հետ բռնցքամարտ խաղալիս, վախեցնում էի նրան։ Սկզբում չէի կարողանում նեղ ու երկար հայելու առաջ բռնցքամարտ սովորել, որովհետև շատ տարօրինակ էր մորուքավոր բռնցքամարտիկի տեսնել։ Բայց ի վերջո դա զվարճալի դարձավ։ Հենց որ սկսեցի բռնցքամարտով զբաղվել, ուզեցի մորուքս սափրել, բայց Կետրինը թույլ չտվեց։

Երբեմն Կետրինն ու ես կառք էինք նստում և զբոսնում քաղաքից դուրս։ Հաճելի էր լավ եղանակին կառքով զբոսնել, ու մենք երկու հրաշալի ճաշարան հայտնաբերեցինք ճանապարհին։ Կետրինը հիմա չէր կարողանում երկար քայլել, և ինձ դուր էր գալիս կառք նստել ու գյուղամիջյան ճամփաներով զբոսնել նրա հետ։ Լավ եղանակին հիանալի ժամանակ էինք անցկացնում, ու մենք երբեք վատ ժամանակ չանցկացրինք։ Գիտեինք, որ շուտով կծնվի մեր երեխան, և դա երկուսիս էլ ստիպում էր մի տեսակ շտապել, չկորցնել այն րոպեները, երբ կարող էինք միասին լինել։

Գլուխ 41

Մի գիշեր մոտ ժամը երեքին արթնացա ու զգացի, որ Կետրինը շուռումուռ էր գալիս անկողնում։

― Լավ չե՞ս, Կետ։

― Ցավեր ունեմ, սիրելիս։

― Հաճախակի՞ ցավեր են։

― Ոչ այնքան։

― Եթե հաճախակի դառնան, պետք է հիվանդանոց գնալ։

Քունս շատ էր տանում, ու ես քնեցի։ Քիչ անց նորից արթնացա։

― Գուցե բժշկին զանգես, ― ասաց Կետրինը։ ― Ինձ թվում է, որ արդեն սկսվում է։

Մոտեցա հեռախոսին ու զանգահարեցի բժշկին։

― Որքա՞ն ժամանակը մեկ են ցավերը գալիս, ― հարցրեց նա։

― Ոքրա՞ն ժամանակը մեկ են ցավերդ գալիս, Կետ։

― Ինձ թվում է՝ տասնհինգ րոպեն մեկ։

― Այդ դեպքում, պետք է հիվանդանոց տեղափոխել, ― ասաց բժիշկը։ ― Հիմա կհագնեվեմ և անմիջապես կգամ։

Կախեցի հեռախոսափողը և ապա զանգահարեցի կայարանամերձ գարաժ, որպեսզի տաքսի պատվիրեմ։ Բայց երկար ժամանակ ոչ ոք չէր պատասխանում։ Վերջապես ինչ֊որ մեկը մոտեցավ հեռախոսին ու խոստացավ անհապաղ տաքսի ուղարկել։ Կետրինը հագնվում էր։ Բոլոր անհրաժեշտ իրերն ու երեխայի շորերն արդեն վաղուց դրված էին ճամպրուկի մեջ։ Միջանցք ելա ու սեղմեցի վերելակի կոճակը։ Պատասխան չեղավ։ Իջա ներքև։ Բացի գիշերապահից ներքևում ոչ ոք չկար։ Ես ինքս բարձրացրի վերելակը, վերցրի Կետրինի իրերը, նա մտավ ներս, ու մենք ցած իջանք։ Գիշերապահը բաց արեց դուռը, ու մենք նստեցինք մուտքի աստիճանների անկյունաքարերին և սկսեցինք տաքսի սպասել։ Պարզ գիշեր էր, ու երկնքում աստղեր կային։ Կետրինը շատ էր հուզված։

― Այնքան ուրախ եմ, որ սկսվեց, ― ասաց նա։ ― Շուտով ամեն ինչ կվերջանա։

― Իմ լավ, իմ քաջ աղջիկ։

― Չեմ վախենում։ Բայց երանի շուտ գար տաքսին։

Լսեցինք մոտեցող մեքենայի աղմուկը ու տեսանք լուսարձակները։ Տաքսին կանգնեց հյուրանոցի մուտքի մոտ, ու ես Կետրինին օգնեցի նստել, իսկ վարորդը ճամպրուկը դրեց առջևի նստատեղին։

― Հիվանդանոց, ― ասացի ես։

Դուրս եկանք սալահատակ ճանապարհը և սկսեցինք բարձրանալ դեպի բլուրը։

Երբ հիվանդանոց հասանք, ես վերցրի ճամպրուկը, ու մենք ներս մտանք։ Գրասեղանի մոտ նստած էր մի կին, որը մատյանի մեջ գրանցեց Կետրինի անուն ազգանունը, տարիքը, հասցեն, տվյալներ ազգականների մասին և կրոնական պատկանելիությունը։ Կետրինն ասաց, որ ոչ մի կրոն չունի, և կինն այդ բառերի դիմաց գծիկ դրեց։ Ասաց նաև, որ նրա անուն ազգանունը Կետրին Հենրի է։

― Ես ձեզ կուղեկցեմ, ― ասաց կինը։

Վերելակով բարձրացանք։ Կինը կանգնեցրեց վերելակը, դուրս եկանք միջանցք ու հետևեցինք նրան։ Կետրինն ամուր բռնել էր իմ թևը։

― Սա է ձեր սենյակը, ― ասաց նա։ ― Խնդրում եմ հանվեք և մտեք անկողին։ Հագեք այս գիշերանոցը։

― Գիշերանոց ունեմ, ― ասաց Կետրինը։

― Ավելի լավ է սա հագնեք, ― ասաց կինը։

Դուրս եկա միջանցք ու նստեցի աթոռին։

― Հիմա կարող եք մտնել, ― դռան միջից ասաց կինը։

Կետրինը պառկել էր նեղ մահճակալի վրա և հագել կոշտ կտորից կարված, քառակուսի բացվածքով մի հասարակ գիշերանոց։ Նա ժպտաց ինձ։

― Հիմա արդեն լավ է ցավում, ― ասաց նա։

Կինը բռնել էր նրա դաստակը և ժամացույցով հետևում էր ցավերին։

― Այ, հիմա ուժեղ ցավեց, ― ասաց Կետրինը։

Ես դա զգացի նրա դեմքից։

― Որտե՞ղ է բժիշկը, ― հարցրի կնոջը։

― Քնած է ներքևում։ Երբ որ կարիք լինի կգա։ Պետք է որոշ բաներ անել Madame֊ին, ― ասաց հիվանդապահուհին։ ― Եթե կարելի է նորից դուրս եկեք։

Դուրս եկա միջանցք։ Դատարկ միջանցք էր, երկու պատուհան ու փակ դռներ։ Հիվանդանոցի հոտ էր գալիս։ Աթոռին նստած, նայում էի հատակին ու աղոթում Կետրինի համար։

― Կարող եք գալ, ― ասաց հիվանդապահուհին։

Ներս մտա։

― Հելլո, սիրելիս, ― ասաց Կետրինը։

― Ինչպե՞ս ես։

― Հիմա ավելի հաճախ են ցավերս գալիս։

Դեմքն աղավաղվեց։ Հետո նա ժպտաց։

― Այ սա իսկական ցավ էր։ Խնդրում եմ, ձեր ձեռքը նորից մեջքիս դրեք։

― Եթե օգնում է, կդնեմ, ― ասաց հիվանդապահուհին։

― Գնա, սիրելիս, ― ասաց Կետրինը։ ― Գնա և մի բան կեր։ Հիվանդապահուհին ասում է, որ սա կարող է երկար տևել։

― Առաջին ծննդաբերությունն ընդհանրապես երկար է տևում, ― ասաց հիվանդապահուհին։

― Խնդրում եմ, գնա և մի բան կեր, ― ասաց Կետրինը։ ― Ես իրոք լավ եմ զգում։

― Մի քիչ էլ կմնամ, ― ասացի ես։

Ցավերը կանոնավորապես կրկնվում էին, բայց հետո նվազեցին։ Կետրինը շատ էր հուզված։ Երբ ցավը սաստիկ էր լինում, ասում էր, որ լավ ցավ է։ Իսկ երբ նվազեցին, հուսախաբվեց ու ամաչեց։

― Գնա սիրելիս, ― ասաց նա։ ― Քո ներկայությունը կաշկանդում է ինձ։ ― Դեմքն աղավաղվեց։ ― Ահա։ Այս մեկն արդեն ավելի լավ էր։ Այնպես եմ ուզում լավ կին լինել և առանց խենթությունների ծննդաբերել։ Խնդրում եմ, գնա նախաճաշիր, սիրելիս հետո վերադարձիր։ Չեմ տխրի առանց քեզ։ Հիվանդապահուհին շատ հոգատար է։

― Դուք շատ ժամանակ ունեք նախաճաշելու, ― ասաց հիվանդապահուհին։

― Լավ, կգնամ։ Ցտեսություն, սիրելիս։

― Ցտեսություն, ― ասաց Կետրինը։ ― Իմ փոխարեն էլ նախաճաշիր։

― Որտե՞ղ կարող եմ նախաճաշել, ― հարցրի հիվանդապահուհուն։

― Փողոցի ծայրին, հրապարակի մոտ սրճարան կա, ― ասաց նա։ ― Պետք է որ արդեն բաց լինի։

Արդեն լուսանում էր։ Քայլեցի դատարկ փողոցով ու հասա սրճարան։ Պատուհանում լույս էր վառվում։ Ներս մտա ու կանգնեցի ցինկե վաճառասեղանի մոտ, ու մի ծերուկ ինձ տվեց մի բաժակ սպիտակ գինի և բրիոշ։ Հին բրիոշ էր։ Ես այն թաթախեցի գինու մեջ, իսկ հետո մի բաժակ սուրճ խմեցի։

― Ի՞նչ եք անում այս ժամին, ― հարցրեց ծերուկը։

― Կինս ծննդաբերում է հիվանդանոցում։

― Հա՜։ Հաջողություն եմ ցանկանում։

― Մի բաժակ էլ գինի տվեք։

Նա շատ թեքեց շիշը, և մի քիչ գինի թափվեց վաճառասեղանին։ Խմեցի, վճարեցի ու դուրս եկա։ Բոլոր տների առջև աղբամաններ էին դրված։ Աղբատարը պիտի գար ու հավաքեր։ Մի շուն հոտոտում էր աղմաբաններից մեկը։

― Ի՞նչ ես ուզում, ― հարցրի նրան, կռացա ու նայեցի, թե արդյոք աղբամանում ուտելու ոչինչ չկա՞ր նրա համար։ Սրճի թանձրուկ էր, փոշի, մի քանի թոշնած ծաղիկ և ուրիշ ոչինչ։

― Ուտելիք չկա, շուն, ― ասացի ես։

Շունն անցավ դիմացի մայթը։ Գնացի հիվանդանոց, բարձրացա Կետրինի հարկը, քայլեցի միջանցքով ու հասա դռանը։ Բախեցի։ Պատասխան չեկավ։ Բաց արի դուռը։ Սենյակը դատարկ էր, միայն Կետրինի ճամպրուկն էր աթոռի վրա և կեռիկից կախված նրա խալաթը։ Դուրս եկա միջանցք ու սկսեցի փնտրել որևէ մեկի։ Տեսա մի ուրիշ հիվանդապահուհու։

― Որտե՞ղ է Madame Հենրին։

― Հենց հիմա մի կնոջ ծննդասենյակ տարան։

― Որտե՞ղ է այդ սենյակը։

― Ես ձեզ կուղեկցեմ։

Նա ինձ տարավ մինչև միջանցքի վերջը։ Ծննդասենյակի դուռն բաց էր։ Տեսա, որ Կետրինին պառկեցրել էին սեղանի վրա ու սավանով ծածկել։ Սեղանի մի կողմում կանգնած էր հիվանդապահուհին, իսկ մյուս կողմում, ինչ֊որ գլանների մոտ՝ բժիշկը։ Նա բռնել էր ռետինե դիմակը, որի ծայրին խողովակ կար։

― Ես ձեզ խալաթ կտամ, ու դուք կարող եք մտնել, ― ասաց հիվանդապահուհին։ ― Այստեղ եկեք, խնդրում եմ։

Նա ինձ սպիտակ խալաթ հագցրեց ու անգլիական գնդասեղով ամրացրեց ետևի կողմից։

― Հիմա կարող եք մտնել, ― ասաց նա։

Սենյակ մտա։

― Դո՞ւ ես, սիրելիս, ― լարված ձայնով ասաց Կետրինը։ ― Առաջ չի գնում։

― Դո՞ւք եք միստր Հենրին, ― հարցրեց բժիշկը։

― Այո։ Ինչպե՞ս է վիճակը, բժիշկ։

― Շատ լավ է, ― ասաց բժիշկը։ ― Մենք եկանք, որպեսզի ցավերի ժամանակ կարողանանք գազ տալ։

― Տվեք, ― ասաց Կետրինը։

Բժիշկը ռետինե դիմակով ծածկեց նրա երեսը, ինչ֊որ սկավառակ պտտեց, ու ես տեսա, թե ինչպես Կետրինն սկսեց խոր ու արագ շնչել։ Հետո նա մի կողմ հրեց դիմակը։ Բժիշկն անջատեց գործիքը։

― Ուժեղ չէ։ Քիչ առաջ շատ ուժեղ էր։ Բժիշկն այնպես արեց, որ կարծես ես այլևս գոյություն չունեի, այնպես չէ՞, բժիշկ։

Ձայնը տարօրինակ էր հնչում։ «Բժիշկ» բառի վրա բարձրացավ։ Բժիշկը ժպտաց։

― Նորից եմ ուզում, ― ասաց Կետրինը։

Նա ռետինը կիպ սեղմել էր դեմքին և արագ֊արագ շնչում էր։ Լսեցի, թե ինչպես թեթևակի տնքաց։ Հետո հանեց դիմակն ու ժպտաց։

― Ավելի ուժեղ էր, ― ասաց նա։ ― Սա շատ ուժեղ էր։ Մի մտահոգվիր, սիրելիս, գնա։ Գնա մի անգամ էլ նախաճաշիր։

― Ոչ մի տեղ չեմ գնա, ― ասացի ես։

Մենք հիվանդանոց գնացինք գիշերվա մոտ ժամը երեքին։ Կեսօրին Կետրինը դեռ ծննդաբերում էր։ Ցավերը նորից թուլացել էին։ Շատ հոգնած ու տանջված տեսք ուներ, բայց և այնպես չէր կորցրել աշխուժությունը։

― Ես ոչ մի բանի պետք չեմ, ― ասաց նա։ ― Շատ եմ ցավում։ Կարծում էի, թե ամեն ինչ հեշտ կանցնի։ Իսկ հիմա, տես, նորից․․․ ձեռքը տարավ դիմակին ու դրեց երեսի վրա։ Բժիշկը պտտեց սկավառակը ու հետևեց նրան։ Քիչ անց ցավը վերացավ։

― Այս մեկը թույլ էր, ― ասաց Կետրինը։ Նա ժպտաց։ ― Գժվում եմ այս գազի համար։ Հրաշալի բան է։

― Մի քանի հատ տուն տանենք, ― ասացի ես։

― Հիմա նորից կլինի, ― արագ ասաց Կետրինը։

Բժիշկը պտտեց սկավառակը ու նայեց ժամացույցին։

― Հիմա ինչքա՞ն են ընդմիջումները, ― հարցրի ես։

― Մոտ մի րոպե։

― Քաղցած չե՞ք։

― Քիչ հետո կգնամ կնախաճաշեմ, ― ասաց նա։

― Դուք պետք է մի բան ուտեք, բժիշկ, ― ասաց Կետրինը։ ― Ցավում եմ, որ այսքան երկար տևեց։ Գուցե առայժմ ամուսինս կարողանա գազ տալ։

― Ինչպես ուզում եք, ― ասաց բժիշկը։ ― Պտտեք մինչև երկու թվանշանը։

― Պարզ է, ― ասացի ես։

Սկավառակի վրա նշան կար և շարժալծակ։

― Հենց հիմա, տվեք, ― ասաց Կետրինը։

Նա դիմակն ամուր սեղմել էր երեսին։ Ես սկավառակը պտտեցրի մինչև երկու թվանշանը, ու երբ Կետրինը հանեց դիմակը, ետ տարա։ Շատ ուրախ էի, որ բժիշկն ինձ գործ տվեց անելու։

― Գազը դո՞ւ տվեցիր, սիրելիս, ― հարցրեց Կետրինը։ ― Նա շոյեց ձեռքս։

― Իհարկե։

― Ինչ լավն ես։

Նա մի փոքր հարբել էր գազից։

― Ես կողքի սենյակում եմ նախաճաշելու, ― ասաց բժիշկը։ Երբ որ ուզենաք կարող եք կանչել։

Ժամանակն անցնում էր, ու ես նայում էի, թե ինչպես էր ուտում, քիչ հետո տեսա, որ պառկեց ու սկսեց ծխել։ Կատրինն էլ ավելի էր հոգնում։

― Ի՞նչ ես կարծում, ծննդաբերելու եմ, թե ոչ, ― հարցրեց նա։

― Իհարկե ծննդաբերելու ես։

― Ինչ֊որ հնարավոր է, անում եմ։ Հրում եմ, բայց էլի ետ է գալիս։ Հիմա նորից կլինի։ Տուր, տուր։

Ժամը երկուսին դուրս եկա հիվանդանոցից ու գնացի ճաշելու։ Սրճարանում քիչ մարդ կար, սեղանների վրա դրված էին սուրճ և կեռասօղիով լցված բաժակներ։ Նստեցի սեղաններից մեկի մոտ։

― Ի՞նչ կա ուտելու, ― հարցրի մատուցողին։

― Ճաշի ժամն արդեն անցել է։

― Իսկ մշտական ուտելիք չունե՞ք։

― Կարող եմ choucroute[30] տալ։

― Choucroute[31] և գարեջուր։

― Մի գավաթ, թե կես։

― Կես գավաթ, բաց գույնի։

Մատուցողը բերեց մի պնակ cauerkraut,[32] որի վրա մի կտոր խոզապուխտ կար, գինիով պատրաստված տաք կաղամբ ու նրբերշիկ։ Կերա կաղամբը ու գարեջուր խմեցի։ Շատ էի քաղցած։ Նայեցի սրճարանում նստած մարդկանց։ Սեղաններից մեկի մոտ թուղթ էին խաղում։ Հարևան սեղանին նստած երկու տղամարդ զրուցում էին ու ծխում։ Սրճարանը ծխով էր լցված։ Ցինկե վաճառասեղանի մոտ, որտեղ ես նախաճաշել էի առավոտյան, հիմա երեք հոգի էին կանգնած։ Ծերուկը, դրամարկղի մոտ նստած մի գեր, սևազգեստ կին, որը հետևում էր, թե ինչ էին ուտում մարդիկ և գոգնոց հագած մի տղա։ Մտածում էի, թե արդյոք քանի՞ երեխա ուներ այդ կինը և ինչպե՞ս էր ծննդաբերել։

Choucroute֊ը կերա ու վերադարձա հիվանդանոց։ Փողոցն արդեն մաքուր էր։ Աղբամաններ չկային։ Ամպոտ օր էր, բայց արևը փորձում էր դուրս գալ։ Բարձրացա վերելակով, միջանցք ելա ու գնացի Կետրինի սենյակը, որտեղ իմ սպիտակ խալաթն էի թողել։ Հագա ու գնդասեղով ամրացրի ետևից։ Նայեցի հայելուն, և ինձ թվաց, թե մորուքավոր ու խարդախ բժշկի եմ նման։ Քայլեցի միջանցքով ու մոտեցա ծծնդասենյակին։ Բաց արի ու ներս մտա։ Բժիշկը նստել էր Կետրինի կողքին։ Հիվանդապահուհին ինչ֊որ բան էր անում սենյակի մյուս ծայրում։

― Ահա ձեր ամուսինը, ― ասաց բժիշկը։

― Օ, սիրելիս, հիանալի բժշկի ձեռք եմ ընկել, ― տարօրինակ ձայնով ասաց Կետրինը։ ― Նա մի հոյակապ անեկդոտ պատմեց ինձ, իսկ երբ ցավերս ուժեղացան, այնպես արեց, որ կարծես այլևս գոյություն չունեի։ Նա հիանալի բժիշկ է։ Դուք հիանալի բժիշկ եք։

― Դու հարբա՞ծ ես, ― ասացի ես։

― Գիտեմ, ― ասաց Կետրինը։ ― Բայց մի ասա։ ― Հետո՝ ― տուր։ Շուտ արա, տուր։

Նա եղունգներով սեղմեց դիմակը և սկսեց այնքան արագ ու ընդհատ֊ընդհատ շնչել, որ ապարատի մեջ ինչ֊որ բան չխկչխկաց։ Հետո խորը շունչ քաշեց, և բժիշկը մեկնեց ձախ ձեռքն ու հանեց դիմակը։

― Այս մեկը շատ ուժեղ էր, ― ասաց Կետրինը։ ― Ձայնը շատ տարօրինակ էր։ ― Հիմա արդեն չեմ մեռնի, սիրելիս։ Անցավ վտանգը, երբ կարող ես մեռնել։ Ուրախ չե՞ս։

― Էլ չվերադարձա այնտեղ։

― Չեմ վերադառնա։ Եվ չեմ վախենում։ Չեմ մեռնի, սիրելիս։

― Այդպիսի հիմարություն չեք անի, ― ասաց բժիշկը։ ― Չեք մեռնի և ձեր ամուսնուն մենակ չեք թողնի։

― Օ, ոչ։ Չեմ մեռնի։ Չեմ մեռնելու։ Հիմարություն է մեռնելը։ Ըհը, նորից սկսեց։ Տվեք։

Քիչ անց բժիշկն ասաց․

― Միստր Հենրի, ― մի քանի րոպեով դուրս եկեք, ես պետք է քննեմ ձեր կնոջը։

― Ուզում է վիճակս ստուգել, ― ասաց Կետրինը։ ― Հետո կարող ես գալ, սիրելիս, այնպես չէ՞, բժիշկ։

― Այո, ― ասաց բժիշկը։ Իմաց կտամ։

Դուրս եկա ու գնացի Կետրինի սենյակը, որտեղ, ծննդաբերությունից հետո, պետք է բերեին նրան։ Նստեցի աթոռին ու նայեցի շուրջս։ Գրպանումս մի թերթ կար, որ գնել էի նախաճաշի գնալիս, ու սկսեցի կարդալ։ Արդեն մթնում էր, ու ես վառեցի լույսը, որպեսզի կարողանամ կարդալ։ Քիչ անց թերթը մի կողմ դրեցի, հանգցրի լույսը ու նայեցի, թե ինչպես է օրը մթնում։ Ինչո՞ւ բժիշկը մինչև հիմա իմաց չէր տալիս։ Գուցե ավելի լավ է, որ չմնացի այնտեղ։ Գուցե նա ուզում էր, որ դուրս գայի։ Նայեցի ժամացույցիս։ Եթե տասը րոպեից ոչ ոք չգա, այնուամենայնիվ կվերադառնամ։

Իմ խեղճ, խեղճ, իմ սիրելի Կետրին։ Սա է այն գինը, որ վճարում ես իրար հետ պառկելու համար։ Սա է ծուղակը։ Սա է իրար սիրելու վերջը։ Գոնե փառք տանք աստծուն, որ գազ գոյություն ունի։ Իսկ ի՞նչ էին անում առաջ առանց անզգայացման։ Հենց որ սկսում է, կարծես ջրաղացի անիվների տակ ես ընկնում։ Կետրինը լավ տարավ հղիությունը։ Բնավ վատ չտարավ։ Սիրտն անգամ գրեթե չէր խառնում։ Մինչև վերջերս անհանգստություն չէր զգում, իսկ հիմա ամեն ինչ շուռ եկավ։ Հատուցումից չես փախչի։ Կփախչես, ինչպե՜ս չէ։ Ու եթե թեկուզ հիսուն անգամ ամուսնացած լինեինք, միևնույն է, սա պիտի պատահեր։ Իսկ եթե հանկարծ մեռնի՞։ Չի մեռնի։ Հիմա ծննդաբերությունից ոչ ոք չի մեռնում։ Այդպես են մտածում բոլոր ամուսինները։ Այո, բայց եթե հանկարծ մեռնի՞։ Չի մեռնի։ Պարզապես տանջվում է։ Առաջին ծննդաբերությունն ընդհանրապես երկար է տևում։ Նա միայն տանջվում է, ուրիշ ոչինչ։ Հետո ասելու ենք իրար․ երևի ինչքան տանջվեցիր, իսկ Կետրինն ասելու է, որ այնքան էլ չի տանջվել։ Բայց եթե հանկարծ մեռնի՞։ Չի կարող մեռնել։ Խելքդ մի կորցրու։ Նա պարզապես տանջվում է հիմա։ Պարզապես, բնությունն այնպես է ստեղծել մարդուն, որ նա տանջվի։ Սա առաջին ծննդաբերությունն է, իսկ առաջին ծննդաբերությունը ընդհանրապես երկար է տևում։ Այո, բայց եթե հանկարծ մեռնի՞։ Չի կարող մեռնել։ Ինչո՞ւ պիտի մեռնի։ Ի՞նչ պատճառ կա մեռնելու։ Պարզապես երեխա պիտի ծնվի, միլանյան գիշերների մի հարակից արդյունք։ Նա է այս բոլոր դառնությունների պատճառը, իսկ հետո կծնվի, հետո կհոգաս նրա մասին, գուցե և կսկսես սիրել։ Ոչ մի վտանգ չկա։ Իսկ եթե մեռնի՞։ Չի մեռնի։ Իսկ եթե հանկա՞րծ մեռնի։ Չի մեռնի։ Բայց եթե մեռնի՛, մեռնի՛։ Հե՜յ, ի՞նչ կանես, եթե մեռնի։ Եթե հանկա՛րծ մեռնի։

Բժիշկը սենյակ մտավ։

― Ի՞նչ կա, բժիշկ։

― Ոչինչ։

― Ի՞նչ եք ուզում ասել։

― Արդեն ասացի։ Ես քննեցի նրան։ ― Ու մանրամասն պատմեց քննության արդյունքերը։ ― Հետո նորից սպասեցի։ Բայց գործն առաջ չի գնում։

― Ի՞նչ եք խորհուրդ տալիս։

― Երկու միջոց կա։ Կամ սաղմնահան, թեև դրանից կարող են պատռվածքներ առաջանալ և ընդհանրապես դա վտանգավոր է կնոջ համար, էլ չեմ ասում՝ երեխայի, կամ էլ կեսարյան հատում։

― Իսկ կեսարյան հատումը վտանգավոր չէ՞։ Հանկարծ չմեռնի։

― Բնական ծննդաբերությունից ոչ ավելի։

― Կարո՞ղ եք ինքներդ անել։

― Այո։ Հավանաբար, մի ժամ է հարկավոր, մինչև որ ամեն ինչ պատրաստեմ և հավաքեմ անհրաժեշտ բուժանձնակազմը։ Գուցե և մի քիչ պակաս։

― Իսկ ձե՞ր կարծիքն ինչ է։

― Ես խորհուրդ կտայի կեսարյան հատում անել։ Եթե նա իմ կինը լիներ, ես կեսարյան հատում կանեի։

― Ի՞նչ հետևանքներ կարող են լինել։

― Ոչ մի։ Միայն սպի։

― Իսկ վարա՞կ։

― Եթե սաղմնահանով ծննդաբերեր, վտանգն ավելի մեծ կլիներ։

― Իսկ եթե ոչինչ չանեք ու սպասե՞ք։

― Վաղ թե ուշ ստիպված ենք որևէ բան անել։ Միսսիս Հենրին առանդ այդ էլ արդեն ուժասպառ է։ Որքան շուտ վիրահատեք, այնքան լավ է։

― Հնարավորին չափ շուտ վիրահատեք, ― ասացի ես։

― Հիմա կգնամ կկարգադրեմ։

Մտա ծննդասենյակ։ Հիվանդապահուհին Կետրինի մոտ էր։ Իսկ Կետրինը հոգնած ու շատ դժգույն, պառկած էր սեղանին, և նրա խոշոր մարմինը ծածկված էր սավանով։

― Ասացի՞ր, որ համաձայն ես, ― հարցրեց նա։

― Այո։

― Լավ է, չէ՞։ Մի ժամից ամեն ինչ կվերջանա։ Էլ ուժ չունեմ, սիրելիս։ Լավ է, չէ՞։ Մի ժամից ամեն ինչ կվերջանա։ Էլ ուժ չունեմ, սիրելիս։ Էլ չեմ կարող։ Խնդրում եմ, տուր այդ բանը։ Չի օգնում։ Օ՜հ, չի օգնում։

― Ավելի խոր շնչիր։

― Շնչում եմ։ Էլ չի օգնում։

― Ուրիշ գլան տվեք, ― ասացի հիվանդապահուհուն։

― Սա նոր գլան է։

― Ես խենթ եմ, սիրելիս, ― ասաց Կետրինը։ ― Բայց էլ չի օգնում։ ― Նա սկսեց արտասվել։ ― Շատ էի ուզում, որ փոքրիկը ծնվեր, ու ես չանհանգստացնեի ոչ ոքի։ Բայց արդեն ուժ չունեմ, էլ չեմ կարող, էլ չի օգնում։ Օ, սիրելիս, էլ չի օգնում։ Թող մեռնեմ, միայն թե սա վերջանա։ Խնդրում եմ, սիրելիս, խնդրում եմ, այնպես արա, որ վերջանա։ Այ նորից սկսեց։ Օ֊օ֊օ֊օ՜։ ― Շնչում էր դիմակի տակ ու հեծկլտում։ ― Չի օգնում։ Չի օգնում։ Չի օգնում։ Բանի տեղ մի դիր, սիրելիս։ Խնդրում եմ, մի լացիր։ Բանի տեղ մի դիր։ Էլ չեմ կարող։ Խեղճ տղա։ Ես քեզ շատ եմ սիրում, ես նորից կփորձեմ։ Հիմա կփորձեմ։ Չե՞ն կարող մի ուրիշ բան տալ։ Եթե միայն կարողանային․․․

― Այնպես կանեմ, որ օգնի։ Մինչև վերջ կպտտեմ։

― Հենց հիմա արա։

Սկավառակը պտտեցի մինչև վերջ, ու երբ նա սկսեց ծանր ու խորը շնչել, դիմակին սեղմած նրա ձեռքերը թուլացան։ Ես անջատեցի գազը և հանեցի դիմակը։ Նա շատ հեռվից վերադարձավ։

― Ինչ լավ էր, սիրելիս։ Ինչքան բարի ես։

― Համբերիր, քաջ եղիր, ես չեմ կարող անընդհատ այդպես անել։ Դա կարող է սպանել քեզ։

― Ես արդեն քաջ չեմ, սիրելիս։ Ջարդված եմ։ Ջարդեցին ինձ։ Հիմա ես գիտեմ այդ։

― Շատերն են այդպես լինում։

― Սարսափելի է։ Այնքան են տանջում, մինչև որ ջարդվես։

― Մի ժամից ամեն ինչ կվերջանա։

― Ինչ լավ է։ Չեմ մեռնի, չէ՞, սիրելիս։

― Ոչ։ Խոստանում եմ, որ չես մեռնի։

― Որովհետև չեմ ուզում մեռնել և քեզ մենակ թողնել, բայց շատ եմ հոգնել և զգում եմ, որ պիտի մեռնեմ։

― Դատարկ բաներ մի ասա։ Բոլորն են այդպես զգում։

― Երբեմն ես որոշակի զգում եմ, որ պիտի մեռնեմ։

― Չես մեռնի։ Չես կարող մեռնել։

― Իսկ եթե՞․․․

― Ես թույլ չեմ տա․․․

― Տուր այդ բանը։ Շուտ արա։

Հետո՝

― Չեմ մեռնի։ Ես էլ ինձ թույլ չեմ տա։

― Իհարկե չես մեռնի։

― Կմնա՞ս ինձ մոտ։

― Այո, բայց չեմ նայի։

― Լավ։ Բայց մի գնա։

― Չեմ գնա։ Միշտ քո կողքին եմ մնալու։

― Որքան բարի ես։ Տուր։ Էլի տուր։ Չի օգնում։ ― Սկավառակը պտտեցի մինչև երեք թվանշանը, իսկ հետո՝ չորս։ Երանի շուտ վերադառնար բժիշկը։ Վախենում էի երկուսին հաջորդող բոլոր թվանշաններից։

Վերջապես մի ուրիշ բժիշկ եկավ ու երկու հիվանդապահուհի, որոնք Կետրինին դրեցին անիվավոր պատգարակի վրա, ու մենք դուրս եկանք միջանցք։ Պատգարակն արագ֊արագ քշեցին միջանցքով ու մտան վերելակ, և մենք սեղմվեցինք պատերին, որպեսզի տեղ բացենք։ Հետո՝ վերև, հետո՝ բաց դուռ, վերելակից դեպի միջանցք, ռետինե անիվները միջանցքում, ապա՝ վիրահատարանում։ Բժիշկը դիմակ էր հագել ու թասակ դրել գլխին, և ես չճանաչեցի նրան։ Այնտեղ մի ուրիշ բժիշկ էլ կար ու մի քանի հիվանդապահուհի։

― Թող ինձ մի որևէ բան տան, ― ասաց Կետրինը։ ― Թող ինձ որևէ բան տան։ Խնդրում եմ, բժիշկ, այնքան տվեք, որ ազդի։

Բժիշկներից մեկը դիմակով ծածկեց նրա երեսը, ու ես նայեցի դռնից և տեսա վիրահատարանի պայծառ ու փոքրիկ ամֆիթատրոնը։

― Կարող եք մյուս դռնից մտնել ու նստել, ― մի հիվանդապահուհի ասաց ինձ։

Արգելապատից այն կողմ մի քանի նստարան կար, որտեղից երևում էին սպիտակ սեղանն ու լամպը։ Ես նայեցի Կետրինին։ Դեմքը ծածկված էր դիմակով, ու նա հիմա հանգիստ էր թվում։ Պատգարակն առաջ տարան։ Շրջվեցի ու դուրս եկա միջանցք։ Երկու հիվանդապահուհի շտապում էին դեպի սրահը։

― Կեսարյան հատում է, ― ասաց նրանցից մեկը։ ― Կեսարյան հատում են անելու։

Մյուսը ծիծաղեց։

― Իսկական ժամանակին ենք գնում։ Բախտներս բերեց։

Նրանք ներս մտան սրահի դռնից։

Եկավ նաև մի ուրիշ հիվանդապահուհի։ Նա էլ էր շտապում։

― Մտեք, ուղիղ ներս մտեք, ― ասաց նա։

― Ես այստեղ կսպասեմ։

Նա շտապ ներս մտավ։ Ետ ու առաջ էի քայլում միջանցքում։ Վախենում էի մտնել։ Մոտեցա պատուհանին ու դուրս նայեցի։ Մութ էր, բայց պատուհանի լույսի տակ տեսա, որ անձրև է գալիս։ Մտա միջանցքի ծայրին գտնվող սենյակներից մեկն ու դիտեցի ապակեպատ պատուհանում շարված շշերի պիտակները։ Հետո դուրս եկա և կանգնեցի դատարկ միջանցքում և սկսեցի նայել վիրահատարանի դռանը։

Դուրս եկավ երկրորդ բժիշկը և մի հիավանդապահուհի։ Բժիշկը երկու ձեռքով բռնել էր հենց նոր մաշկած նապաստակի պես ինչ֊որ բան և, շտապ անցնելով միջանցքից, մտավ մի ուրիշ սենյակ։ Մոտեցա այդ սենյակի դռանը ու տեսա, որ նրանք ինչ֊որ բան էին անում նորածնին։ Բժիշկը բարձրացրեց նրան ու ցույց տվեց ինձ։ Ծնկներից բռնեց ու շրմփացրեց։

― Ամեն ինչ կարգի՞ն է։

― Հրաշալի մանչուկ է։ Հինգ կիլոգրամ կլինի։

Ոչ մի զգացում չարթնացավ իմ մեջ։ Կարծես նա կապ չուներ ինձ հետ։ Հայրական զգացում չկար մեջս։

― Հպարտ չե՞ք ձեր զավակով, ― հարցրեց հիվանդապահուհին։

Նրանք լվացին փոքրիկին ու ինչ֊որ բանի մեջ փաթաթեցին։ Տեսա նրա փոքրիկ թուխ դեմքը և թուխ թաթիկները, բայց ոչ մի շարժում չնկատեցի ու լացի ձայն չլսեցի։ Բժիշկը նորից սկսեց ինչ֊որ բան անել նրան։ Նա մտահոգ տեսք ուներ։

― Ոչ, ― ասացի ես։ ― Քիչ էր մնում, որ նա սպաներ մորը։

― Խեղճ մանչուկն ի՞նչ մեղք ունի։ Մի՞թե դուք տղա չէիք ուզում։

― Ոչ, ― ասացի ես։

Բժիշկն զբաղված էր նորածինով։ Բռնեց ոտքերից ու շրմփացրեց։ Էլ չմնացի նայելու։ Դուրս եկա միջանցք։ Հիմա կարող էի մտնել ու նայել։ Մտա սրահի դռնից ու մի քանի աստիճան իջա։ Արգելապատի մոտ նստած հիվանդապահուհիները նշան արեցին, որ մոտենամ։ Ես բացասաբար շարժեցի գլուխս։ Այստեղից ամեն ինչ երևում էր։

Կարծեցի, թե Կետրինը մեռած է։ Նա մեռած էր թվում։ Նրա դեմքը, դեմքի այն մասը, որ ես տեսա, մոխրագույն էր։ Ներքևում, լամպի լույսի տակ, բժիշկը կարում էր լայն, երկար, հաստ եզրերը պինցետներով անջատված վերքը։ Դիմակ հագած մյուս բժիշկը եթեր էր տալիս նրան։ Դիմակ հագած երկու հիվանդապահուհի գործիքներ էին մեկնում բժշկին։ Կարծես ինկվիզիցիայի պատկեր լիներ։ Գիտեի, որ կարող էի հիմա այնտեղ լինել ու ամեն ինչ տեսնել, բայց ուրախ էի, որ չեմ տեսնում։ Երևի չէի կարողանա նայել, թե ինչպես են ճեղքում, բայց հիմա նայում էի, թե ինչպես էին վերքի ծայրերը՝ կարծես հնակարկատի ասեղի արագ ու հմուտ շարժումների տակ՝ միակցվում լայն ու ցցված եզրակապերով, ու ես ուրախ էի։ Երբ վերքի ծայրերը վերջնականապես միակցվեցին, դուրս եկա միջանցք ու նորից սկսեցի ետ ու առաջ քայլել։ Քիչ անց դուրս եկավ նաև բժիշկը։

― Ինչպե՞ս է։

― Ոչինչ։ Նայո՞ւմ էիր։

Նա հոգնած տեսք ուներ։

― Տեսա, թե ինչպես էիք կարում։ Ինձ թվաց, թե ճեղքը շատ մեծ է։

― Կարծո՞ւմ եք։

― Այո։ Սպին կհարթվի՞ հետո։

― Իհարկե։

Քիչ անց դուրս հանեցին անվավոր պատգարակը և արագ֊արագ տարան դեպի վերելակը։ Ես քայլում էի պատգարակի կողքից։ Կետրինը տնքում էր։ Իջեցրին ներքևի հարկը, սենյակ մտցրին ու դրին անկողին։ Ես նստեցի մահճակալի ոտքերի մոտ դրված աթոռին։ Հիվանդապահուհին արդեն այնտեղ էր։ Վեր կացա ու կանգնեցի մահճակալի մոտ։ Սենյակում մութ էր։ Կետրինը մեկնեց ձեռքը։

― Դո՞ւ ես, սիրելիս, ― ասաց նա։ Ձայնը շատ թույլ էր ու հոգնած։ ― Ես եմ, իմ քաղցր աղջիկ։

― Ի՞նչ տեսակ երեխա է։

― Ս֊ս֊ս, մի խոսեք, ― ասաց հիվանդապահուհին։

― Տղա է։ Բարձրահասակ, թմբլիկ և թուխ։

― Ամեն ինչ կարգի՞ն է։

― Այո, ― ասացի ես։ ― Հրաշալի տղա է։

Նկատեցի, որ հիվանդապահուհին մի տեսակ տարօրինակ նայեց ինձ։

― Սարսափելի հոգնած եմ, ― ասաց Կետրինը։ ― Չորս կողմս վիրավորված է։ Իսկ դու լա՞վ ես, սիրելիս։

― Շատ լավ եմ։ Մի խոսիր։

― Դու այնքան բարի ես։ Օ, սիրելիս, չորս կողմս ցավում է։ Իսկ ո՞ւմ է նման։

― Ծերունական կնճռոտ դեմքով մաշված նապաստակի։

― Դուրս եկեք, ― ասաց հիվանդապահուհին, ― Madame Հենրին չպետք է խոսի։

― Հիմա ասացի ես։

― Գնա մի բան կեր։

― Ոչ, միջանցքում կսպասեմ։ ― Համբուրեցի Կետրինին։

Նա շատ մոխրագույն էր, և թույլ, և հոգնած։

― Կարելի՞ է մի րոպե, ― ասացի հիվանդապահուհուն։

― Նա ինձ հետ միջանց ելավ։ Մի փոքր հեռացա դռնից։

― Ի՞նչ է պատահել երեխային, ― հարցրի ես։

― Չգիտե՞ք։

― Ոչ։

― Նա կենդանի չէր։

― Մեռա՞ծ էր։

― Չկարողացան ստիպել, որ շնչի։ Պորտալարը փաթաթվել էր վզին։

― Ուրեմն, նա մեռած է։

― Այո։ Շատ ափսոս։ Այնքան մեծ, լավ տղա էր։ Կարծում էի, գիտեք։

― Ոչ, ― ասացի ես։ ― Ավելի լավ է Madame֊ի մոտ վերադարձեք։

Նստեցի սեղանի առջև, որի ծայրին դրված էին հիվանդապահուհիների՝ եզրահատին ամրացված հաշվետվությունները, ու նայում էի պատուհանին։ Ոչինչ չէի տեսնում բացի խավարից ու անձրևից, որը հատում էր պատուհանի լուսավոր շերտը։ Այ թե բանն ինչումն էր։ Երեխան մեռած էր։ Ահա թե ինչու բժիշկն այդքան հոգնած տեսք ուներ։ Բայց ինչո՞ւ էին սենյակում այդքան չարչարվում։ Երևի հույս ունեին, որ կսկսի շնչել ու կենդանանալ։ Ես հավատացյալ չեմ, բայց ուզում էի կնքել նրան։ Բայց չէ՞ որ նա ոչ մի անգամ չի շնչել։ Երբեք կենդանի չի եղել։ Միայն՝ Կետրինի մեջ։ Հաճախ եմ զգացել, թե ինչպես էր շարժվում։ Բայց վերջին շաբաթը՝ ոչ։ Գուցե արդեն խեղդված էր։ Խեղճ մանչուկ։ Երանի ես էլ այդպես խեղդված լինեի։ Ինչո՞ւ երանի։ Գոնե այսքան մահ չէի տեսնի։ Հիմա էլ Կետրինն է մեռնում։ Ահա թե ինչն է վախճանը։ Մահը։ Նույնիսկ չգիտես, թե ինչի համար։ Ժամանակ չես գտնում իմանալու։ Քեզ պարզապես կյանք են շպրտում և օրենքներ սովորեցնում ու հենց առաջին անգամ կտրում են հողից, սպանում են։ Կամ սպանում են հենց այնպես, ինչպես Այմոյին։ Կամ սիֆիլիսով են վարակում, ինչպես Ռինալդիին։ Բայց վերջ ի վերջո սպանում են։ Կարող ես վստահ լինել։ Նստիր ու սպասիր, և քեզ կսպանեն։

Մի անգամ անտառի բացատում խարույկի մեջ կոճղ գցեցի, որի վրա լիքը մրջյուններ կային։ Երբ կոճղն սկսեց վառվել, մրջյունները դուրս թափվեցին ու շարժվեցին դեպի կենտրոն, այսինքն, կրակի կողմը, հետո շուռ եկան ու վազեցին դեպի ծայրը։ Երբ ծայրին բավական շատ մրջյուն հավաքվեց, նրանք սկսեցին կրակի վրա ընկնել։ Մի քանիսը դուրս պրծան և, վառված ու տափակած, այս ու այն կողմ ցրվեցին, իրենք էլ չիմանալով, թե ուր։ Բայց մեծ մասը մոտենում էր կրակին, հետո նորից վերադառնում ու կուտակվում կոճղի զով ծայրին ու ի վերջո ընկնում կրակի բերանը։ Հիշում եմ, այն ժամանակ մտածեցի, որ աշխարհի վերջն է սա և առաքելություն ստանձնելու մի հիասքանչ առիթ․ կոճղը հանել խարույկի միջից և դեն շպրտել, որպեսզի մրջյունները կարողանան գետին իջնել։ Բայց ոչինչ չարեցի, միայն անագե բաժակի ջուրը թափեցի կոճղի վրա, որովհետև հարկավոր էր այն պարպել, վիսկի լցնել և նոր միայն խառնել ջրով։ Ինձ թվում է, որ այրվող կոճղի վրա թափված ջուրը խաշեց մրջյուններին։

Միջանցքում նստած լուրի էի սպասում Կետրինից։ Հիվանդապահուհին չէր գալիս, և քիչ անց մոտեցա դռանը, կամացուկ բաց արի ու ներս նայեցի։ Սկզբում ոչինչ չկարողացա տեսնել, որովհետև միջանցքում պայծառ լույս էր վառվում, իսկ սենյակում մութ էր։ Հետո տեսա մահճակալի մոտ նստած հիվանդապահուհուն, Կետրինի գլուխը բարձի վրա և սավանով ծածկված նրա տափակ մարմինը։ Հիվանդապահուհին ձեռքը տարավ շրթունքներին, հետո վեր կացավ ու մոտեցավ դռանը։

― Ինչպե՞ս է, ― հարցրի ես։

― Լավ է, ― ասաց հիվանդապահուհին։ ― Գնացեք ընթրեք, իսկ հետո, եթե ուզում եք, կարող եք վերադառնալ։

Անցա միջանցքը, իջա աստիճաններով, դուրս եկա հիվանդանոցի դռնից և մութ փողոցով, անձրևի տակ, գնացի սրճարան։ Սրճարանում պայծառ լուսավորություն կար և բոլոր սեղանների շուրջ մարդիկ էին նստած։ Տեղ չգտա։ Մատուցողը մոտեցավ ինձ, վերցրեց թաց վերարկուս և գլխարկս ու ցույց տվեց մի սեղան, որի մոտ նստած ծերունին գարեջուր էր խմում ու երեկոյան թերթ կարդում։ Նստեցի մյուս ազատ աթոռին և հարցրի մատուցողին, թե ինչ plat du jour[33] կար։

― Խաշած հորթի միս, բայց վերջացել է։

― Իսկ ի՞նչ կարող եմ ուտել։

― Խոզապուխտով ձվածեղ, պանիրով օմլեթ կամ choucroute:

― Կեսօրին choucroute կերա, ― ասացի ես։

― Ճիշտ է, ― ասաց նա։ ― Ճիշտ է։ Կեսօրին choucroute կերաք։

Մատուցողը միջին տարիքի մարդ էր, և հատուկենտ մազերով փորձել էր ծածկել ճաղատը։ Բարի դեմք ուներ։

― Ի՞նչ եք ուզում, Ձվածե՞ղ, թե օմլեթ։

― Խոզապուխտով ձվածեղ, ― ասացի ես, ― և գարեջուր։

― Demi-blinde?

― Այո։

― Հիշում եմ, ― ասաց նա։ Կեսօրին էլ demi-blinde ուզեցիք։

Կերա խոզապուխտով ձվածեղը և խմեցի գարեջուրը։ Խոզապուխտով ձվածեղը դրված էր կլոր պնակի մեջ, խոզապուխտը տակն էր, իսկ ձուն՝ վրան։ Շատ տաք էր, ու առաջին պատառը ստիպված եղա գարեջրով հովացնել։ Քաղցած էի և նորից մի պնակ պատվիրեցի։ Մի քանի գավաթ գարեջուր խմեցի։ Ոչինչ չէի մտածում, կարդում էի ծերուկի բռնած թերթը։ Ռազմաճակատի անգլիական գիծը ճեղքված էր։ Երբ հարևանը նկատեց, որ կարդում եմ նրա բռնած թերթը, ծալեց այն ու դրեց սեղանին։ Ուզում էի մատուցողից թերթ խնդրել, բայց չէի կարողանում կենտրոնանալ։ Սրճարանում շոգ էր ու տոթ։ Սեղանների մոտ նստածները մեծ մասամբ ճանաչում էին իրար։ Մի քանիսը թուղթ էին խաղում։ Մատուցողները վաճառասեղանից անընդհատ խմիչք էին բերում ու դնում սեղաններին։ Երկու հոգի մտան ու ազատ աթոռ չգտան։ Կանգնեցին մեր սեղանի դիմաց։ Ես էլի գարեջուր պատվիրեցի։ Դեռ պատրաստ չէի գնալու։ Դեռ շատ շուտ էր հիվանդանոց վերադառնալու համար։ Փորձում էի ոչինչ չմտածել ու շատ հանգիստ լինել։ Տղամարդիկ կանգնեցին մի քիչ, բայց ոչ ոք վեր չէր կենում, և նրանք գնացին։ Ես էլի գարեջուր խմեցի։ Իմ առջև պնակների մի մեծ կույտ էր գոյացել։ Հարևանս հանեց ակնոցը, դրեց պատյանի մեջ, ծալեց թերթը ու խոթեց գրպանը և հիմա, լիկյորի բաժակը ձեռքին, շուրջն էր նայում։ Հանկարծ զգացի, որ պետք է գնամ։ Կանչեցի մատուցողին, վճարեցի, հագա վերարկուս, դրեցի գլխարկս ու դուրս եկա փողոց։ Անձրևի տակ վերադարձա հիվանդանոց։

Վերևի հարկի միջանցքում հիվանդապահուհին ընդառաջ եկավ ինձ։

― Հենց նոր հյուրանոց զանգահարեցի, ― ասաց նա։

Ինչ֊որ բան կտրվեց իմ մեջ։

― Ի՞նչ է պատահել։

― Միսսիս Հենրին արյունահոսություն ունեցավ։

― Կարո՞ղ եմ մտնել։

― Ոչ, դեռ ոչ։ Բժիշկն այնտեղ է։

― Վտանգավո՞ր է։

― Շատ վտանգավոր է։

Հիվանդապահուհին սենյակ մտավ ու փակեց դուռը։ Նստեցի միջանցքում, դռան մոտ։ Դատարկություն էի զգում։ Չէի մտածում։ Չէի կարող մտածել։ Գիտեի, որ նա մեռնում է և աղոթում էի, որ չմեռնի։ Մի թող, որ մեռնի։ Օ, աստված, աղաչում եմ, մի թող, որ մեռնի։ Ես քեզ համար պատրաստ եմ ամեն ինչ անել, միայն թե մի թող, որ մեռնի։ Աղաչում եմ, աղաչում, աղաչում, սիրելի աստված, մի՛ թող, որ մեռնի։ Սիրելի աստված, մի՛ թող, որ մեռնի։ Աղաչում եմ, աղաչում եմ, աղաչում եմ, մի՛ թող, որ մեռնի։ Աղաչում եմ, աստված, այնպես արա, որ չմեռնի։ Ես պատրաստ եմ քեզ համար ամեն ինչ անել, միայն մի թող, որ մեռնի։ Աղաչում եմ, աստված, այնպես արա, որ չմեռնի։ Ես պատրաստ եմ քեզ համար ամեն ինչ անել, միայն մի թող, որ մեռնի։ Դու վերցրիր մեր երեխային, բայց մի թող, որ նա մեռնի․․․ Ոչինչ, որ վերցրիր, բայց մի թող, որ նա մեռնի։ Աղաչում եմ, աղաչում եմ, սիրելի աստված, մի թող, որ մեռնի։

Հիվանդապահուհին բացեց դուռը և նշան արեց, որ ներս մտնեմ։ Մտա ու հետևեցի նրան։ Կետրինը չնայեց ինձ։ Մոտեցա մահճակալին։ Մահճակալի մյուս կողմում կանգնած էր բժիշկը։ Կետրինը նայեց ինձ ու ժպտաց։ Ես կռացա մահճակալի վրա ու լաց եղա։

― Խեղճ տղա, ― մեղմ ձայնով ասաց Կետրինը։ Դեմքը մոխրագույն էր։

― Ամեն ինչ լավ է, Կետ, ― ասացի ես։ ― Շուտով ամեն ինչ լավ կլինի։

― Մեռնում եմ, ― ասաց նա։ Մի փոքր լռեց ու ասաց, ― ատում եմ մահը։

Բռնեցի նրա ձեռքը։

― Ձեռք մի տուր, ― ասաց նա։ Թողեցի։ Նա ժպտաց։ ― Խեղճ տղա։ Ինչքան ուզում ես ձեռք տուր։

― Կլավանաս, Կետ։ Գիտեմ, որ կլավանաս։

― Մտածում էի նամակ թողնել քեզ, եթե որևէ բան պատահի, բայց չգրեցի։

― Ուզո՞ւմ ես քահանա կանչեմ, կամ որևէ մեկին։

― Միայն դու, ― ասաց նա։ Ապա, քիչ անց՝ ― չեմ վախենում։ Միայն թե ատում եմ։

― Չի կարելի այդքան խոսել, ― ասաց բժիշկը։

― Լավ, ― ասաց Կետրինը։

― Որևէ բան ուզո՞ւմ ես, Կետ։ Ի՞նչ ես ուզում, ասա։

Կետրինը ժպտաց։

― Ոչինչ։ ― Հետո, քիչ անց՝ ― դու ուրիշ աղջիկների հետ այնպես չես լինի, ինչպես ինձ հետ էիր։ Նույն խոսքերը չես ասի։ Չէ՞։

― Երբեք։

― Բայց ուզում եմ, որ աղջիկների հետ լինես։

― Ոչ ոքի չեմ ուզում։

― Շատ եք խոսում, ― ասաց բժիշկը։ ― Չի կարելի այդքան խոսել։ Միստր Հենրին պետք է դուրս գա։ Հետո կարող է նորից գալ։ Դուք չեք մեռնի։ Հիմար բաներ մի ասեք։

― Լավ, ― ասաց Կետրինը։ ― Գիշերները կգամ, քեզ մոտ կմնամ, ― ասաց նա։ Մեծ դժվարությամբ էր խոսում։

― Խնդրում եմ, դուրս եկեք, ― ասաց բժիշկը։

Կետրինն աչքով արեց ինձ։ Դեմքը՝ մոխրագույն։

― Միջանցքում եմ, ― ասացի ես։

― Մի վշտանա, սիրելիս, ― ասաց Կետրինը։ ― Բնավ չեմ վախենում։ Սա կեղտոտ կատակ է։

― Իմ սիրելի, իմ քաջ, իմ քաղցր աղջիկ․․․

Սպասում էի միջանցքում։ Երկար սպասեցի։ Հիվանդապահուհին դուրս եկավ սենյակից ու մոտեցավ ինձ։

― Միսսիս Հենրիի վիճակը շատ վատ է, ― ասաց նա։ ― Շատ եմ վախենում։

― Մեռա՞վ։

― Ոչ։ Բայց ուշագնաց է։

Ըստ երևույթին, անընդհատ արյունահոսություն էր ունեցել։ Անհնար էր եղել արյունը կանգեցնել։ Սենյակ մտա ու կանգնեցի Կետրինի մոտ, մինչև որ նա մեռավ։ Նա այդպես ուշագնաց էլ մնաց ու շուտով մեռավ։

Միջանցքում խոսում էի բժշկի հետ։

― Էլ ի՞նչ պետք է անել այսօր։

― Ոչ մի բան։ Ոչինչ պետք չէ։ Գուցե մինչև հյուրանոց ուղեկցեմ ձեզ։

― Ոչ, շնորհակալություն։ Ես մի քիչ էլ կմնամ այստեղ։

― Գիտեմ, որ ասելու բան չկա։ Չեմ կարող արտահայտել․․․

― Այո, ― պատասխանեցի ես։ ― Ասելու բան չկա։

― Բարի գիշեր, ― ասաց նա։ ― Գուցե այնուամենայնիվ ուղեկցեմ ձեզ։

― Ոչ, շնորհակալություն։

― Ոչինչ հնարավոր չէր անել, ― ասաց նա։ Վիրհատությունն ապացուցեց․․․

― Չեմ ուզում այդ մասին խոսել, ― ասացի ես։

― Կուզենայի մինչև հյուրանոց ուղեկցել ձեզ։

― Ոչ, շնորհակալություն։

Հեռացավ ու անհետացավ միջանցքի ծայրին։ Ես մոտեցա սենյակի դռանը։

― Հիմա չի կարելի, ― ասաց հիվանդապահուհիներից մեկը։

― Կարելի է։

― Ոչ, հիմա չի կարելի։

― Հեռացեք, ― ասացի ես։ ― Թող մյուսն էլ հեռանա։

Բայց երբ նրանք հեռացան, ու ես փակեցի դուռը, ու վառեցի լույսը, զգացի, որ ամեն ինչ անօգուտ է։ Կարծես արձանի էի հրաժեշտ տալիս։ Քիչ անց դուրս եկա, իջա աստիճաններով ու, անձրևի տակ, քայլեցի դեպի հյուրանոց։

  1. Կրտսեր լեյտենանտ (իտ.)։
  2. Լեյտենանտ (իտ․)։
  3. Կապիտան (իտ.)։
  4. Մայոր (իտ․)։
  5. Փոխգնդապետ (իտ)։
  6. Ողջույն (իտ․)։
  7. Վատ չէ (իտ.)։
  8. Դեռ ոչ (ֆրանս.)։
  9. Ցտեսության, լեյտենանտ (իտ.)։
  10. Voluntary Aid Department — բանակին սպասարկող կանանց կամավոր կորպուս։
  11. Էվակուացման հավաքատեղի (իտ.)։
  12. Ռազմական գոտի (իտ.)։
  13. Հարված (ֆր․)։
  14. Իսպանացի նավազների արհամարհական անուն։
  15. Գլխավոր հիվանդանոց (իտ․)։
  16. Սարահարթ (իտ․)։
  17. Հարթավայր (իտ․)։
  18. Քո՞ւյրդ է (իտ․)։
  19. Կեցցե խաղաղությունը (իտ․)։
  20. Դեպի տուն (իտ․)։
  21. Ամուսնական անկողին (իտ․)։
  22. Քաղաքացիական զգեստ (իտ․)։
  23. Կոկտեյլի ժամ (ֆր․)։
  24. Կրակ (ֆր․)։
  25. Հավարացյալ (ֆր․)։
  26. Մաքսատան պահակախումբը (իտ․)։
  27. Շվեյցարական փոքր սահնակ (ֆր․)։
  28. Ճանապարհ (ֆր․)։
  29. Խմորեղենի տեսակ (գերմ․)
  30. Կաղամբով նրբերշիկ (ֆր․)։
  31. Թթու կաղամբ (գերմ․)։
  32. Թթու կաղամբ (գերմ․)։
  33. Մշտական կերակուր (ֆր․)։