«Գնդապետին ոչ ոք չի գրում»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Գնդապետին ոչ ոք չի գրում |հեղինակ =Գաբրիել Գարսիա Մարկես |թարգմանիչ = (ռուս...»:) |
(Տարբերություն չկա)
|
Ընթացիկ տարբերակը 10:36, 27 Սեպտեմբերի 2019-ի դրությամբ
հեղինակ՝ Գաբրիել Գարսիա Մարկես |
(հատված)
Պետք չէր պատուհանը բացել համոզվելու համար, որ արդեն դեկտեմբերն է։ Նա այդ զգաց իր ամեն մի ոսկորով, դեռ խոհանոցում, երբ աքաղաղի նախաճաշի համար մրգեր էր կտրտում։ Իսկ երբ բացեց դուռը, բակի հրաշալի տեսարանը հաստատեց նախազգացումը։ Խոտը, ծառերը, արտաքնոցը կարծես թե լողում էին առավոտյան թափանցիկ օդում։
Կինն անկողնում մնաց մինչև ժամը ինը։ Երբ նա մտավ խոհանոց, գնադապետն արդեն հավաքել էր սենյակները և զրուցում էր աքաղաղի շուրջը նստած երեխաների հետ։ Վառարանին մոտենալու համար կինը ստիպված եղավ շրջանցել նրանց։
— Դուք ինձ խանգարում եք,— գոռաց նա՝ մի մռայլ հայացք գցելով աքաղաղին։— Ե՞րբ ենք վերջապես ազատվելու այս չարաբաստիկ թռչունից։
Գնդապետն ուշադիր նայեց աքաղաղին՝ փորձելով հասկանալ, թե ինչով կարող էր այն զայրացնել կնոջը։ Աքաղաղի տեսքն անհրապույր էր ու խղճուկ. կատարը պատչված, վիզն ու ոտքերը՝ մերկ, ։ Բայց նրա հետ ամեն ինչ կարգին էր։ Արդեն պատրաստ մարզումների։
— Մոռացիր աքաղաղի մասին ու նայիր պատուհանից,— ասաց գնդապետը, երբ երեխաները գնացին։— Այսպիսի առավոտյան ցանկություն է առաջանում լուսանկարվել հիշատակի համար։
Նա նայեց պատուհանից, բայց նրա դեմքը չկակղեց։
— Ես կուզեի վարդեր տնկել,— ասաց նա՝ վերադառնալով վառարանի մոտ։
Գնդապետը վառարանի վրա կախեց հայելին և սկսեց սափրվել։
— Եթե վարդեր ես ուզում տնկել՝ տնկիր,— ասաց նա։
Նա աշխատում էր ածելու շարժումները հարմարեցնել հայելու մեջ երևացող կնոջ շարժումներին։
— Խոզերը կուտեն դրանք,— ասաց կինը։
— Հետո՞ ինչ,— ասաց գնդապետը։— Փոխարենը՝ ինչպիսի՜ համեղ կլինեն խոզերը, եթե նրանք կերակրվեն վարդերով։— Նա կնոջը գտավ հայելու մեջ և տեսավ, որ դեմքն առաջվա պես մռայլ է։ Կրակի առկայծումների մեջ նա կարծես թե սարքված էր նույն կավից, ինչ վառարանը։ Նրանից հայացքը չհեռացնելով՝ գնդապետը շարունակեց սափրվել առանց նայելու, ինչպես սովորել էր երկար տարիներ։
Կինը, իր մտքերի մեջ խորասուզված, երկար լռեց։
— Դրա համար էլ չեմ ուզում տնկել,— վերջապես ասաց նա։
— Ի՞նչ կա որ,— ասաց գնդապետը։- Ուրեմն մի՛ տնկիր։
Գնդապետն իրեն լավ էր զգում։ Դեկտեմբերը ցամաքեցրել էր նրա աղիների ջրիմուռները։ Ամբողջ առավոտյան նրա հետ միայն մի տհաճություն պատահեց՝ երբ փորձում էր հագնել նոր կոշիկները։ Մի քանի փորձ անելով, նա համոզվեց, որ դրանք նեղ են, և հագավ լաքապատները։ Կինը նկատեց դա։
— Եթե նոր կոշիկները չհագնես, ապա դրանք երբեք չեն լայնանա,— ասաց նա։
— Այդ կոշիկները կաթվածահարի համար են,— առարկեց գնդապետը։— Կոշիկը նախ պետք է մի ամիս հագնել, հետո վաճառել։
Տրամադրվելով նախազգացմանը, որ այսօր անպայման նամակ կստանա, գնդապետը փողոց դուրս եկավ։ Մոտորանավակի ժամանմանը դեռ շատ ժամանակ կար և նա որոշեց այցելեն դոն Սաբասի գրասենյակը։ Բայց այնտեղ ասացին, որ դոն Սաբասը երկուշաբթիից շուտ չի վերադառնա։ Այդ չնախատեսված ուշացումև չվհատեցրեց գնդապետին։ «Վաղ թե ուշ, միևնույնն է, նա գալու է»,— ասաց նա ինքն իրեն և ուղևորվեց դեպի նավահանգիստ։ Առավոտյան անսովոր, դեռ ոչ մի բանով չպղտորված պարզության ժամ էր։
— Լավ կիներ՝ ամբողջ տարին դեկտեմբեր լիներ,— շշնջաց նա՝ սիրիացի Մովսեսի խանութում նստելով։— Այնպես ես զգում քեզ, կարծես թափանցիկ լինես։
Սիրիացի Մովսեսը ստիպված եղավ ջանք գործադրել լսածն իր մոռացված արաբերենի թարգմանելու համար։ Մովսեսը հեզ մի մարդ էր՝ կիպ ձգված, առանց մի կնճիռի մաշկով, ջրասույզի ալարկոտ շարժումներով։ Թվում էր, թե, իսկապես, նրան հենց նոր են դուրս քաշել ջրից։
— Առաջ էլ է այդպես եղել,— ասաց նա։— Եթե հիմա էլ այդպես լիներ, ապա ես արդեն ութ հարյուր ինսունվեց տարեկան կլինեի։ Իսկ դո՞ւ։
— Յոթանասունհինգ,— ասաց գնդապետը՝ հայացքով հետևելով փոստային տեսուչին։ Եվ հանկարծ տեսավ կրկեսը, դրա կարկատած վրանը ճանաչեց փոստային մոտորանավի տախտակամածին, խայտաբղետ հակերի կույտի մեջ։ Մի պահ նա տեսուչին կորցրեց տեսադաշտից՝ աշխատելով այլ մոտորանավերի վրա բարձած արկղերի միջով տեսնել գազաններին։ Բայց գազանները չէին երևում։
— Կրկես է,— ասաց գնդապետը։— Առաջին անգամ՝ վերջին տաս տարում։
Սիրիացի Մովսեսն այդ նորությունը քննարկեց կնոջ հետ։ Նրանք խոսում էին արաբերոնի ու իսպաներենի խառը լեզվով։ Կինը նրան պատասխանում էր խանութի ետնասրահից։ Այն ինչ կինն ասաց, Մովսեսը նախ ինքը մտորեց դրա վրա, ապա պացատրեց գնդապետին.
— Նա կատվին է թաքցնում, գնդապետ։ Թե չէ տղեկները դրան կգողանան ու կծախեն կրկեսին։
— Սա կենդանիների կրկես չէ,— ասաց գնդապետը։
— Մեկ է,— ասաց սիրիացին։— Լարախաղացները կատուներին ուտում են, որ ոսկորները չջարդեն։
Գնդապետը տեսուչի հետևից գնում էր նավահանգստային կրպակների կողքով։ Հրապարակում նրա ուշադրությունը գրավեցին գալերեայից լսվող բարձր ճիչերը։ Մի անցորդ ինչ-որ բան ասաց աքլորի մասին։ Միայն այդ ժամանակ գնդապետը հիշեց, որ այսօր նշանակված է վարժանքների սկիզբը։ Եվ նա անցավ փոստի կողքով։ Մեկ րոպե անց նա արդեն մխրճվեց գալերեայի անհանգիստ միջավայրի մեջ։ Հրապարանկում կանգնած էր նրա աքլորը՝ միայնակ, անպաշտպան, փալասների մեջ փաթաթված ճանկերով, ակնհայտորեն վախեցած, որի մասին կարելի էր գուշակել այն բանից, թե ինչպես են դողում նրա ոտքերը։ Հակառակորդը մոխրագույն մի տխուր աքլոր էր։
Գնդապետը անկիրք նայում էր աքաղաղների կռվին։ Անընդմեջ կատաղի բախումներ։ Փետուրների, ոտքերի ու վզերի կծիկ։ Պատնեշի տախտակներին շպրտված մոխրագույն աքլորը գլուխկոնծի տվեց և նորից նետվեց կռվի։ Գնդապետի աքլորը չէր հարձակվում։ Նա հետ էր մղում հակառակորդի բոլոր ցատկերը և հայտնվում էր իր ճիշտ ելակետում։ Նրա ոտքերն այլևս չէին դողում։
Գերմանը ցատկեց-անցավ պատնեշը, գնդապետի աքլորին բարձրացրեց գլխից վերև ու ցույց տվեց հանդիսատեսին։ Հնչեցին կատաղի գոչյուններ ու ծափահարություններ։ Գնդապետը մտածեց, որ հանդիսատեսի ոգևորությունը չափազանցված է։ Տեղի ունեցողը նրան կեղծ էր թվում, որին գիտակցաբար ու կամավոր մասնակցում են աքաղաղները։
Փոքր-ինչ արհամարհական հետաքրքրությամբ նա նայում էր կլոր գալերեային։ Տրիբունաների արանքներով գրգռված ամբոխը նետվեց դեպի մրցահրապարակ։ Գնդապետը զննում էր կարմրած, ուրախալի հույսով լցված դեմքերը։ Դրանք արդեն բոլորովին ուրիշ մարդիկ էին։ Քաղաքի նոր մարդիկ։ Եվ այստեղ, կարծես մտքի ինչ-որ պայծառացումով, նա հիշեց և վերապրեց ակնթարթներ, որ վաղուց կորել էին նրա հիշողության հեռուներում։ Եվ, հիշելով, ցատկեց-անցավ պատնեշը, ճանապարհ բացեց ամբոխի միջով և հանդիպեց Գերմանի հանգիստ հայացքին։ Նրանք անթարթ նայում էին միմյանց։
— Բարի օր, գնդապետ։
Գնդապետը նրանից վերցրեց աքաղաղին։ Շշնջաց. «Բարի օր»։ Եվ այնևս ոչինչ չավելացրեց։ նա մատներով զգաց թռչնի ջերմ դողը և մտածեց, որ երբեք իր ձեռքում չի զգացել ավելի կենդանի բան, քան այս աքաղաղն է։
— Դուք տանը չէիք,— զարմացած ասաց Գերմանը։
Նրան ընդհատեց ծափահարությունների նոր ալիքը։ Գնդապետը մռայլվեց։ Ծափահարություններից ու ճիչերից խլացած, նա նորից, ոչ ոքի չնայելով, աքաղաղին թևի տակ ճեղքեց ամբոխն ու դուրս եկավ փողոց։
Ամբողջ քաղաքը, ավելի ճիշտ՝ ամբողջ հասարակ ժողովուրդը դուրս էր եկել նայելու, թե ուր է նա գնում դպրոցականներով շրջապատված։ Հրապարակի անկյունում բարձրահասակ մի նեգր օձը փաթաթել էր վզի շուրջը և, սեղանի վրա կանգնած, դեղեր էր վաճառում։ Նավահանգստից վերադարձող մարդկանց ամբողը կանգնեց նրա շաղակրատանքը լսելու։ Բայց, տեսնելով գնդապետին՝ աքաղաղը թևի տակ առած, բոլորը դարձան դեպի նա։ Երբեք տան ճանապարհը գնդապետին այդքան երկար չէր թվացել։ Նա չէր ափսոսում դրա համար։ Տաս տարի քաղաքն ընկղմված էր թմբիրի մեջ, կարծես թե ժամանակը նրա համար կանգ էր առել։ Բայց այս ուրբաթ՝ ևս մի ուրբաթ առանց նամակի, քաղաքն արթնացել էր։ Գնդապետը հիշեց այն ժամանակները. ահա ինքը, կինը և որդին, անձրևանոցով ծածկված, ներկայացման են, որ խաղում են՝ չնայած ուժեղ անձրևին։ Ահա կուսակցական ղեկավարները, խնամքով սանրված, երաժշտության տակտը բռնած հովհարներն են թափահարում իր տան դիմաց։ Գնդապետի ականջներում ցավեցնելու չափ հստակ հնչում էին թմբուկի հարվածները։
Նա հատեց գետի երկայնքով անցնող փողոցը և այստեղ ել տեսավ ամբոխ՝ աղմկոտ, ինչպես ընտրությունների ժամանակ, որոնց մասին վաղուց արդեն մոռացել էին։ Ամբողը դիտում էր կրկեսի բեռնաթափումը։ Երբ գնդապետն անցնում էր կրպակներից մեկի մոտով, մի կին ինչ-որ բան գոռաց աքաղաղի մասին։ Բայց գնդապետն ամբողջովին խորասուզված էր ինքն իր մեջ. ականջ էր դնում հեռավոր, համարյա մոռացված ձայներին, որ հնչում էին նրա հոգում՝ կարծես գալերեայի քիչ առաջվա ծափահարությունների արձագանքները։
Տան դռների մոտ նա շրջվեց երեխաներին։
— Հապա մի ցրվեք տներով։ Թե չէ գոտին կվերցնեմ։
Նա սողնակով փակեց դուռը և գնաց ուղիղ խոհանոց։ Կինը հևալով դուրս եկավ ննջասենյակից։
— Նրանք աքլորին զոռով տարան,— ճչաց նա։— Ես նրանց ասացի, որ չեմ տա՝ քանի դեռ ողջ եմ։
Կնոջ հուսահատ սվսվոցի տակ գնդապետը աքաղաղին կապեց վառարանին և փոխեց նրա կերամանի ջուրը։
— Իսկ նրանց ասացին, որ նույնիսկ մեր մահը նրանց չի կանգնեցնի։ Որ աքլորը մեզ չէ պատկանում՝ այլ ամբողջ քաղաքին։
Միայն երբ կինը լռեց, գնդապետը նայեց նրա մոլորված դեմքին և զարմանքով նկատեց, որ այն չի արտահայտում ո՛չ մեղքի զգացում, ո՛չ ափսոսանք։
— Նրանք ճիշտ են վարվել,— հանգիստ ասաց նա։ Եվ հետո, գրպանները շոշափելով, մի տեսակ ընդգծված մեղմ ավելացրեց,— Աքլորը չի վաճառվում։
Կինն ուղեկցեց նրան մինչև ննջասենյակ։ Գնդապետը կարծես թե այնպիսին էր, ինչպիսին լինում է սովորաբար, բայց միևնույն ժամանակ նա յնպես հեռու էր, կարծես կինը նրան տեսում էր էկրանի վրա։ Նա պահարանից փողեր հանեց, դրանց վրա ավելացրեց գրպանից հանածները, նորից հաշվեց ու պահեց պահարանում։
— Այստեղ քսանինը պեսո է, դրանք կվերադարձնենք քավոր Սաբասին,— ասաց նա։— Մնացածը կվճարենք՝ երբ թոշակը կստանանք։
— Իսկ եթե չստանա՞նք,— հարցրեց կինը։
— Կստանանք։
— Իսկ եթե, այնուամենայնիվ, չստանանք։
— Այդ դեպքում, ուրեմն, չենք վճարի։
Նա մահճակալի տակից գտավ նոր կոշիկները։ Ստվարաթղթե տուփի համար վերադարձավ պահարանի մոտ, կոշիկի բծերը մաքրեց փալասով և դրեց տուփի մեջ այնպես, ինչպես դրանք դրված էին այն ժամանակ, երբ կինը բերեց կիրակի երեկոյան։
Կինը տեղից չշարժվեց։
— Կոշիկները կվերադարձնենք խանութին,— ասաց գնդապետը։— Դա ևս երեսուն պեսո կլինի։
— Չեն վերցնի։
— Պարտավոր են վերցնել,— առարկեց գնդապետը։— Ես դրանք միայն երկու անգամ եմ հագել։
— Թուրքերը դա չեն հասկանում,— ասաց կինը։
— Պարտավոր են հասկանալ։
— Իսկ եթե չե՞ն հասկանում։
— Հեչ էլ հասկանան։
Նրանք քնելու պառկեցին առանց ընթրիքի։ Գնդապետը սպասեց մինչև կինը վերջացրեց աղոթելը և հանգցրեց լամպը։ Բայց քնել չկարողացավ։ Նա լսեց կինոքննադատականի զանգերը և դրանից համարյա անմիջապես, իսկ իրականում՝ երեք ժամ հետո, լսեց պարետային ժամի ազդանշանը։ Գիշերային սառն օդից կնոջ շնչառությունը նորից խռպոտեց։ Գնդապետի աչքերը դեռ բաց էին, երբ կինը սկսեց խոսել նրա հետ, այս անգամ հանգիստ, հաշտվողաբար։
— Դու արթո՞ւն ես։
— Հա։
— Խնդրում եմ, լավ մտածիր։ Խոսիր վաղը քավոր Սաբասի հետ։
— Նա մինչև երկուշաբթի չի վերադառնա։
— Ավելի լավ,— ասաց կինը։— Երեք օր ժամանակ կունենաս միտքդ փոխելու համար։
— Միտքս փոխելու բան չկա,— ասաց գնդապետը։
Հոկտեմբերի կպչուն մառախուղները փոխարինվել էին հաճելի թարմությամբ։ Դեկտեմբերը նորից հիշեցնում էր իր մասին՝ կտցարն արդեն ուրիշ ժամի էր կռնչում։ Ժամը երկուսին մոտ գնդապետը դեռ քնած չէր։ Եվ գիտեր, որ կինն էլ քնած չէ։ Նա շրջվեց ճոճքի մեջ։
— Դու արթո՞ւն ես,— նորից հարցրեց կինը։
— Հա։
Կինը մի քիչ սպասեց։
— Չենք կարող դա մեզ թույլ տալ։ Մտածի՛ր միայն՝ որքան կարևոր է մեզ համար չորս հարյուր պեսոն։
— Արդեն քիչ է մնացել, շուտով թողակը կգա,— ասաց գնդապետը։
— Այդ մասին լսում եմ արդեն տասնհինգ տարի։
— Ճիշտ է,— ասաց գնդապետը։— Հենց այդ պատճառով էլ շատ չենք սպասի։
Կինը երկար լռեց։ Բայց երբ նա նորից խոսեց, գնդապետին թվաց, որ մի վայրկյան էլ չի անցել։
— Ինձ մոտ այնպիսի զգացում է, որ այդ փողը երբեք չի գա։
— Կգա։
— Իսկ եթե չգա՞։
Սրան արդեն գնդապետը չպատասխանեց։ Աքաղաղի առաջին կանչերը արթնացրեցին նրան, բայց նա անմիջապես ընկղմվեց խուլ, առանց երազների քնի մեջ։ Երբ նա արթնացավ, արևն արդեն շատ բարձր էր։ Կինը դեռ քնած էր։ Հետևողականորեն, թեև երկու ժամ ուշացումով, գնդապետն արեց այն ամենը, ինչ անում էր ամեն առավոտ, ու սպասեց կնոջ արթնանալուն, որ նախաճաշի նստեն։
Կինը ննջարանից դուրս եկավ անառիկ մի դեմքով։ Իրար բարի լույս մաղթելով՝ նրանք լուռ նստեցին սեղանի մոտ։ Գնդապետը մի բաժակ սև սուրճ խմեց՝ մի կտոր պանրով և հացով։ Ամբողջ օրը նա անց կացրեց դերձակի արհեստանոցում։ Ցերեկվա մեկին վերադարձավ տուն և կնոջը գտավ բեգոնիաների մեջ նստած՝ հագուստը նորոգելիս։
— Ճաշելու ժամանակն է,— ասաց նա։
— Ճաշ չկա,— ասաց կինը։
Նա ուսերը թոթվեց և գնաց ցանկապատի սողանցքները նորոգելու, որոնցով երեխաները մտնում էին խոհանոց։ Երբ տուն վերադարձավ, արդեն սեղան էր դրված։
Ճաշի ժամանակ գնդապետը նկատեց, որ կինը հազիվ է զսպում արցունքները։ Դա նրան անհանգստացրեց։ Նա գիտեր կնոջ բնավորությունը. բնականից խիստ և ավելի խստացած քառասուն տարիների դժբախտություններից ու զրկանքներից. նույնիսկ որդու մահը նրանից մի կաթիլ արցունք չկորզեց։
Նա հանդիմանանքով նայեց կնոջը։ Կինը սեղմեց շրթունքները, աչքերը սրբեց թևքով և շարունակեց ուտել։
— Դու ինձ հետ հաշվի չես նստում,— ասաց կինը։
Գնդապետը չպատասխանեց։
— Դու կամակոր ես, համառ և ինձ հետ ընդհանրապես հաշվի չես նստում։— Կինը գդալն ու պատառաքաղը խաչաձև դրեց իրար վրա, բայց անմիջապես էլ սնահավատորեն առանձնացրեց դրանք։— Ես քեզ իմ ամբողջ կյանքն եմ նվիրել, իսկ հիմ պարզվում է, որ աքլորը քեզ համար ավելի կարևոր է, քան ես։
— Դա այդպես չէ։
— Ոչ, այդպես է,— առարկեց կինը։— Ժամանքկն է հասկանալ, որ ես մեռնում եմ։ Ինչ որ ինձ հետ հիմա կատարվում է, հիվանդություն չէ, այլ՝ հոգեվարք։
Մինչև սեղանից վեր կենալը գնդապետը այլևս ոչ մի բառ չարտասանեց։
— Եթե բժիշկն ինձ երաշխիք տա, որ աքլորը ծախելուց հետո քո ասթման կանցնի, ես նրան անմիջապես կծախեմ,— ասաց նա։— Բայց եթե չտա՝ չեմ ծախի։
Ճաշից հետո գնդապետը աքաղաղին տարավ գալերեա։ Երբ նա տուն վերադարձավ, կնոջ մոտ նոպա էր սկսվել։ Նա բաց թողնված մազերով ու տարածած ձեռքերով քայլում էր միջանցքում, և ագահորեն, շվվոցով ներշնչում էր օդը։ Նա յսդպես քայլեց մինչև երեկո։ Իսկ հետո պառկեց՝ ամուսնում ոչ մի խոսք չասելով։
Երբ ազդարարեցին պարետային ժամը, նա դեռ աղոթքներ էր մրմնջում։ Գնդապետն ուզեցավ լամպն անջատել, բայց կին ընդդիմացավ.
— Չեմ ուզում մթության մեջ մեռնել։
Գնդապետը լամպը թողեց հատակին։ Նա նա իրեն վերջնականապես ջախջախված էր զգում։ Նա ուզում էր մոռանալ ամեն ինչի մասին, քնել և արթնանալ քառասունհինգ օր հետո, հունվարի քսանի ցերեկվա ժամը երեքին, գալերեայում՝ հենց նույն այն պահին, երբ իր աքաղաղին բաց կթողնեն հրապարակ։ Բայց քունը նրան մոտ չէր գալիս, որովհետև քկինը քնած չէր։
— Նույն պատմությունն է,— մի քիչ նետո նորից սկսեց խոսել կինը։— Մենք քաղցում ենք, որ ուրիշները կուշտ լինեն։ Եվ այսպես արդեն քառասուն տարի։
Գնդապետը սպասեց, թե երբ կինը հարցնի՝ քնած չէ՞ արդյոք ինքը։ Պատասխանեց, որ՝ ոչ։ Կին շարունակեց հավասար, միալար ու անողոք.
— Բոլորը շահում են, բացի մեզնից։ Միայն մենք ենք, որ ոչ մի սենտավո չունենք աքլորի համար խաղադրույք անելու։
— Աքլորի տերը քսան տոկոսի իրավունք ունի։
— Դու իրավունք ունեիր նաև ընտրական պաշտոնի, երբ գլուխդ էիր ջարդում ընտրությունների ժամանակ,— առարկեց կինը։— Դու իրավունք ունեիր նաև վետերանի թոշակի՝ քաղաքացիական պատերազմում կյանքդ վտանգելուց հետո։ Բայց բոլորը տեղավորվեցին, իսկ դու մնացիր մենակ և մեռնում ես սովից։
— Ես մենակ չեմ,— ասաց գնդապետը։
Նա ուզում էր կնոջը ինչ-որ բան բացատրել, բայց քունը հաղթեց։ Կինը շարունակում էր մրթմրթալ, մինչև նկատեց, որ ամուսինն արդեն քնած է։ Այդժամ նա հետ տարավ ցանցը և սկսեց հետ ու առաջ քայլել մութ սենյակում՝ շարունակելով խոսել։ Գնդապետը նրան արձագանքեց լուսաբացին մոտ։
Նա դռների մեջ հայտնվեց ինչպես ուրվական՝ ներքևից լուսավորվելով վառվող լամպով։ Պառկելուց առաջ նա հանգցրեց լամպը։ Բայց դեռ շարունակում էր խոսել։
— Արի այսպես անենք...— նրան ընդհատեց գնդապետը։
— Միակ բանը, որ կարելի է անել՝ աքլորին ծախելն է,— ասաց կինը։
— Բայց կարելի է նաև ժամացույցը ծախել։
— Այն ոչ մեկը չի առնի։
— Վաղը քառասուն պեսոյի դիմաց կառաջարկեմ Ալվարոյին։
— Չի տա։
— Ուրեմն նկարը կծախենք։
Կինը նորից վեր կացավ անկողնուց ու խոսեց։ Գնդապետը զգաց նրա՝ բուժիչ խոտերի հոտով ներծծված շնչառությունը։
— Այն չեն առնի։
— Կտեսնենք,— ասաց գնդապետը մեղմ, հանգիստ ձայնով։— Հիմա քնիր։ Եթե վաղը մի բան չծախենք, այդ դեպքում կմտածենք, թե է՛լ ինչ կարելի է անել։
Նա աշխատում էր չփակել աչքերը, բայց քունը հաղթեց նրան։ Գնդապետն ընկավ մի մոռացումի մեջ, որտեղ չկա ժամանակ, չկա տարածություն և որտեղ նրա կնոջ խոսքերն այլ իմաստ էին ստանում։ Բայց մի րոպե հետո զգաց, որ կինը ցնցում է նրա ուսը։
— Դե պատասխանի՛ր ինձ։
Գնդապետը չէր հասկանում, թե այդ խոսքերը լսում է քնի մե՞ջ, թե՞ արթմնի։ Լուսանում էր։ Պատուհանից պարզ երևաց կիրակնօրյա առավոտյան վառ կանաչը։ Գնդապետը սկսեց ջերմել, քունքերը վառվում էին. միայն մեծ ճիգերով նա հավաքեց մտքերը։
— Ի՞նչ ենք անելու, եթե չկարողանանք ոչ մի բան ծախել,— չէր հանգստանում կինը։
— Դա արդեն կլինի հունվարի քսանը,— ասաց գնդապետը՝ վերջնականապես արթնանալով։— Քսան տոկոսը վճարում են հենց նույն օրը։
— Եթե աքլորը հաղթի,— ասաց կինը։— Իսկ եթե ո՞չ։ Քո մտքով չի՞ անցել, որ նրան կարող են ջարդել։
— Մեր աքլորին չեն կարող ջարդել։
— Բա որ ջարդեցի՞ն։
— Դեռ քառասունհինգ օր կա,— ասաց գնդապետը։— Ինչո՞ւ հիմա այդ մասին մտածել։
Կինը հուսահատվեց։
— Իսկ ի՞նչ ենք ուտելու մինչև այդ։— Նա ճանկեց ամուսնու վերնաշապիկի օձիքը և ուժգին թափահարեց։— Ասա՛, ի՞նչ ենք ուտելու։
Այս ակնթարթին հասնելու համար գնդապետը պետք է ապրած լիներ յոթանասունհինգ տարի, իր կյանքի յոթանասունհինգ տարին՝ րոպե առ րոպե։ Եվ նա իրեն անհաղթելի զգաց, երբ պարզ ու հստակ ասաց.
— Քաք։