Հին մարդկանց կարծիքով, նույնիսկ այն ժամանակ, երբ փոկի կաշին առանձնացված էր մարմնից, նա գաղտնի կապի մեջ էր մնում ծովի հետ և, իբր, տեղատվության ժամանակ ծալքավորվում էր։ Անտիկ մի այլ հավատալիք, որը, ինչպես պնդում են, գալիս է Արիստոտելից<ref>Արիստոտել (384-322 մ․թ․ա․)՝ հին հույն փիլիսոփա ու գիտնական։</ref>, ասում է․ ամեն մի կենդանի արարած մեռնում է միայն տեղատվության ժամանակ։ Եթե հավատանք Պլինիոսին, մարդկանց վերաբերյալ այդ հավատալիքը բազմիցս փորձով հաստատվել է Ֆրիանսիայի ծովափին։ Փիլոստրատոսը նույնպես հավատացնում է մեզ, թե Կադրսում մեռնողները բարձր ջրի դեպքում երբեք շունչը չէին փչում։ Այդ նույն նախապաշարմունքը դեռևս պահպանվում է Եվրոպայի որոշ մասերում։ Կանտարբրիայի առափնյա շրջանի բնակիչները կարծում են, թե մարդիկ քրոնիկ հիվանդությունից կամ հանկարծակի մեռնում են հենց այն պահին, երբ մակընթացությունը սկսում է նահանջել։ Ասում են, Պորտուգալիայում, Ուելսի ողջ ծովափին և Բրետանի ծովափին գոյություն ունի այն հավատալիքը, թե երբ ջուրը բարձրանում է, մարդիկ ծնվում են, իսկ երբ ջուրը քաշվում է, մարդիկ մեռնում են։ Չարլզ Դիկենսի վկայությամբ նույն սնահավատությունը գոյություն է ունեցել Անգլիայում։ «Ծովափին մարդիկ այլ կերպ չեն մեռնում, ասում է պարոն Պեգոտին,― քան այն ժամանակ, երբ ջուրը բոլորովին սպառվում է։ Եվ չեն ծնավում, մինչև մակընթացությունը ուժի մեջ չմտնի, այսինքն՝ մինչև որ ջուրը չբարձրանա»։ Անգլիայի արևելյան ողջ ծովափին՝ Նորտումբեռլենդից մինչ Քենտ, այն կարծիքին են, թե մահերի մեծ մասը տեղի է ունենում տեղատվությունների ժամանակ։ Շեքսպիրը, երևի, լավ էր ծանոթ այս սնահավատությանը, որովհետև Ֆալստաֆին ստիպեց մեռնել «մինչև տեղատվության սկսվելը՝ ժամը տասներկուսի և մեկի միջև»։ Այս հավատալիքին մենք հանդիպում ենք նաև Հյուսիսային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափին՝ հայդա հնդկացիների մոտ։ Երբ հայդա ցեղի տղամարդիը մահամերձ է, նրա աչքին երևում է մակույկ, որը թիավարում են նրա մեռած ընկերները։ Նրանք լողում են մակընթացության հետ, որպեսզի ոգիների աշխարհից ողջույն հաղորդեն նրան։ «Արի մեզ հետ,― ասում են նրանք,― ահա ուր որ է կսկսվի տեղատվությունը, և մենք պետք է գնանք»։ Պորտ Սթիֆենսի (Նոր Հարավային Ուելս) բնիկները մեռելներին թաղում են միայն մակընթացության ժամանակ, քանի որ կարծում են, թե հակառակ դեպքում տեղատվության ջրերը հանգուցյալի հոգին կտանեն հեռավոր օտար երկիր։
Երկարակեցություն ապահովելու համար չինացիները դիմում են կախարդական բարդ միջոցների։ Նրանք որսում են մարդկանց ու իրերի մոգական ուժը, որը, հոմեոպաթիկ սկզբունքների համաձայն, իբր բխում է տարվա եղանակներից։ Այդ բարեհաջող ազդեցությունների ուղեկիցը այլ բան չէ, քան պատանքը։ Շատ չինացիներ իրենց պատանքը պատրաստում են դեռևս կենդանության օրոք։ Նրանցից շատերը այն ձևելն ու կարելը հանձնարարում են չամուսնացած կաղջիկներին ու երիտասարդ կանանց, հույս ունենալով, որ քանի որ դերձակուհին դեռ շատ տարիներ է ապրելու, ապա նրա կենսաուժի մի մասը անշուշտ պիտի անցնի պատանքին, և այդպիսով շատ տարիներով հետաձգի այն պահը, երբ պատանքը կծառայի նպատակին։ Հանգուցյալի հագուստները գերադասում են կարելի նահանջ տարում, քանի որ չինացու համար ակնհայտ է, որ երկար տարում կարված պատանքը մեծ չափով օժտված կլինի կյանքը երկարացնելու ունակությամբ։ Հատկապես շատ ջանքեր էին գործադրում այդ անգին հատկանիշներով օժտել շիրմահագուստի մի մասը՝ սքանչելի կապտագույն երկար մետաքսե զգեստը, որի վրա ոսկե թելերով ասեղնագործվում էր «երկարակեցություն» բառը։ Տարեց մարդուն, «երկարակեցության հագուստ» անվանումով հայտնի այդպիսի մի թանկարժեք, գեղեցիկ թիկնոցը նվիրելը չինացիների մոտ որդիական հարգանքի և ուշադրության արտահայտություն է համարվում։ Քանի որ այդ զգեստը նախատեսված է տիրոջ կյանքը երկարացնելու համար, ապա նա հաճախ դա հագնում է հանդիսավոր դեպքերում, որեսզի ոսկյա գաղափարագրերով ասեղնագործված հագուստը իր վրա լիաուժ ազդի։ Ամենից առաջ նա առիթը բաց չի թողնի այն հագնել իր ծննդյան օրը, քանի որ ողջամտությունը չինացիներին մղում է ծննդյան օրը կենսաուժի պաշար ստեղծել, որը ծախսվում է տարվա ընթացքում։ Շքեղ զգեստ հագած, իր մարմնի ամեն մի մասնիկով նրա բարերար ազդեցությունը կլանող երջանիկ «անվանակոչիկը» հաճույքով ընդունում է բարեկամենրի ու ազգականների բարեմաղթանքները, որոնք իրենց հիացմունքն են հայտնում սքանչելի շիրմահագուստի և նրա որդիներիհարգանքի համար, որոնք այդքան հիանալի ու օգտակար նվեր են մատուցել։
«Նմանը ծնում է նմանին» դրույթը չինական հավատալիքում մի կիառություն էլ ունի, որի համաձայն քաղաքների ձևը խոր ազդեցություն է գործում նրանց ճակատագրի վրա։ Այդ ճակատագիրը, իբր, կախված է այն առարկայի բնույթից, որն ամենից շատ է նման քաղաքի։ Ըստ ավանդության, Ցինչե֊Ֆու հին քաղաքը, որի ուրվագիծը ծածան էր հիշեցնում, հաճախ էր դառնում ձկնորսական ցանցի նմանվող՝ հարևան Յունչուն քաղաքի բնակիչների ավերիչ ասպատակությունների զոհը։ Դա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև որ Ցինչե֊Ֆուի բնակիչների գլխում միտք ծագեց քաղաքի կենտրոնում երկու խոշոր մեհյան կառուցել։ Առ այսօր քաղաքի վրա վեր խոյացող այդ մեհյանները ամենաբարերար ազդեցությունն են գործել նրա ճակատագրի վրա, երևակայական ցանցին «թույլ չտալով» իջնել ու խճճվել երևակայական ծածանին։
Քառասուն տարի առաջա<ref>Այսինքն անցյալ դարի 80֊ական թվականների սկզբին։</ref> Շանհայի իմաստունները շատ ջանքեր գործադրեցին տեղական մի ապստամբության պատճառը պարզելու համար։ Մանրակրկիտ քննությունից հետո նրանք պարզեցին, որ ապաստամբության պատճառը նորակառույց մեծ տաճարի ձևն էր։ Ցավոք, տաճարը շատ վատ վարքի տեր կենդանու՝ կրիայի ձև ուներ։ Դժվարությունը ավելի քան լուրջ էր, իսկ վտանգը կանխելու համար անհապաղ միջոցներ էին պահանջվում։ Տաճարը քանդելը անբարեպաշտություն կլիներ, իսկ նույն տեսքով թողնելը, նշանակում էր նման, գուցե և ավելի ծանր աղետներ բերել քաղաքի վրա։ Բայց բնագուշակության (գեոմանտիայի) տեղական գիտակների հանճարը փայլուն կերպով հաղթահարեց այդ դժվարությունը և քաղաքից վանեց վտանգը։ Կրիայի աչքերը խորհրդանշող երկու ջրհորը ջրոց լցնելով՝ Շանհայի իմաստունները «կուրացրին» վատահամբավ կենդանուն և այդպիսով նրան զրկեցին ապագայում դժբախտություններ պատճառելու ունակությունից։
Երբեմն հոմեոպաթիկ մոգությանը դիմում են նմանակման միջոցով չարիքը կանխելու համար։ Իսկական դժբախտությունը փոխարինելով երևակայականով, ձգտում են այդ կերպ խորամանկությամբ գերազանցել ճակատագրին։ Մադագասկարում բախտի հետ աչքակապուկ խաղալու այդ ձևը վերածված է համակարգի։ Տեղի հավատալիքների համաձայն, ամեն մի մարդու ճակատագիրը կանխորոշվում է նրա ծնված օրով ու ժամով, և եթե դրանք դժբախտ են լինում, ապա այդ մարդուն սպառնացող դժբախտություններից կարելի է խուսափել միայն դրանք «դուրս հանելու» կամ «փոխարինելու» միջոցով։ Դժբախտությունը կարելի է դուրս հանել տարբեր ձևերով, օրինակ, եթե մարդը ծնվել է երկրորդ (փետրվարի) ամսվա առաջին օրը, ապա երբ նա մեծանա, հավատալիքի համաձայն, նրա տունը անպայման կայրվի։ Նորածնի բարեկամները ձգտում են նախօրոք կանխել այդ աղետը․ դաշտում կամ անասունների մակաղատեղում նրանք խորդանոց են կառուցում և այրում։ Որպեսզի ծեսը անհրաժեշտ ազդեցություն ունենա, պետք է մորը նորածնի հետ նստեցնել խորդանոցում, հրկիզել այն, իսկ հետո, քանի դեռ խորդանոցը փուլ չի եկել, նրանց հանել այնտեղից։ Մադագասկարում անձրևային նոյեմբերը արցունքի ամիս է համարվում։ Նոյեմբերին լույս աշխարհ եկած երեխան ծնված է վշտի համար։ Իր ապագայի վրա կուտակվող ամպրոպաբեր ամպերը ցրելու համար նա պետք է միայն բարձրացնի եռացող ջրով կավամանի կափարիչը և չորս կողմը թափահարի։ Կափարիչից թափվող ջրի ցայտերը կողբան նրա բախտը, և նրան այլևս չի վիճակվի արցունք թափել։ Եթե աղջկա «ճակատին գրված է» վշտով տեսնել, թե իր ապագա երեխաները ինչպես են իրենից առաջ գերեզման մտնելու, ապա նա կարող է հետևյալ միջոցով իրենից վանել այդ վիշտը․ աղջիկը մորեխ է սպանում, փաթաթում է պատանքի նմանվող լաթի մեջ և անմխիթար լաց է լինում նրա վրա, ինչպես Հռաքիլը իր երեխաների վրա։ Դրանից հետո նա որսում է ևս տասներկու մորեխ, նրանց ոտքերն ու թևերը ջարդելով, շարում է սատկածի կողքին։ Այլանդակված միջատների ճռռոցը, նրանց խեղված անդամների ջղաձիգ ցնցումները խորհրդանշում են ողբասացների սրտակեղեք ճիչերն ու ջղաձգությունները թաղման ժամանակ։ Աղջիկը սատկած մորեխներին թաղում է, մնացածներին թողնում է, որ շարունակեն «սուգ ու շիվանը», մինչև մահը նրանց ազատի տանջանքներից։ Մազերը հավաքած աղջիկը իր թաղած մորեխի գերեզմանից գյուղ է վերադառնում վշտաբեկ մարդու տեսքով։ Այդ օրվանից նա արդեն ուրախ է նայում ապագային և չի կասկածում, որ իր երեխաները իրենից երկար կապրեն, չէ որ չի կարելի երկու անգամ ողբալ նրանց ու թաղել։ Եթե ծնված օրից բախտը դառնացրել է մարդուն, նրա վրա դրել աղքատության կնիքը, ապա նա կարող է հեշտությամբ ազատվել այդ խարանից։ Դրա համար անհրաժեշտ է էժան՝ մեկուկես պենս արժողությամբ երկու մարգարիտ գնել և հողում թաղել․ չէ որ մարգարիտներ շաղ տալու շռայլությունը վայել է միայն իսկական հարուստներին։
=Շփածին մոգություն=
Մինչև այժմ մենք քննարկում էինք համակրական մոգության մի ճյուղը՝ հոմեոպաթիկ կամ նմանակման մոգությունը։ Նրա հիմնական սկզբունքն է՝ նմանը ծնում է նմանին, կամ այլ խոսքով՝ հետևանքը նման է պատճառին։ Մոգության մյուս տարատեսակը, որ մենք անվանեցինք շփածին, ելնում է այն բանից, որ մեկ անգամ շփման մեջ եղած իրերը բաժանվելուց հետո պետք է համակրական հարաբերությունների մեջ մնան։ Ինչ էլ որ տեղի ունենա նրանցից մեկնումեկի հետ, նույնն էլ կատարվելու է մյուսի հետ։ Ինչպես շփածին, այնպես էլ հոմեոպաթիկ մոգության տրամաբանական նախադրյալը գաղափարների կեղծ զուգորդությունն է։ Նրա ֆիզիկական հիմքը (եթե ընդհանրապես կարելի է խոսել դրա գոյության մասին) նյութական այն միջավայրն է, որը, իբր, միացնում է առանձին առարկաները և նրանցից մեկի ազդեցությունը փոխանցում մյուսին։ Շփածին մոգության ամենասովորական օրինակը մարդու և նրա մարմնի մասերի՝ մազերի կամ եղունգների միջև, իբր, գոյություն ունեցող մոգական համակրանքն է։ Որևէ մեկի մազերն ու եղունգներն ունեցողը կարող է ցանկացած հեռավորության վրա իր կամքը պարտադրել դրանց տիրոջը։ Այս սնոտիապաշտությունը տարածված է ամբողջ աշխարհում։ Ստորև օրինակներով ցույց տանք դա։ Ավստրալիայի անդրենածինների մոտ խորհրդածեսի ժամանակ, որին հասուն տղամարդու իրավունքներ ու արտոնություններ ստանալուց առաջ պետք է ենթարկվի ամեն մի պատանի, գոյություն ունի առաջին մեկ կամ մի քանի ատամները ջարդելու սովորույթը։ Այս սովորույթի ծագումն ու իմաստը պարզ չեն։ Տվյալ դեպքում մեզ հետաքրքրումէ միայն բնիկների այն հավատալիքը, որ պատանու ատամը քաշելուց հետո էլ վերջինիս ու նրա նախկին տիրոջ միջև շարունակում է համակրական կապ գոյություն ունենալ։ Դրա համար էլ Դառլինգ գետի շրջանում (Նոր Հարավային Ուելս) որոշ ցեղերի մեջ ջարդած ատամը խրում էին գետի կամ ջրով լի փոսի մոտ աճող ծառի կեղևի տակ։ Եթե ատամը պատռում էր ծառի կեղևը կամ ջուրն էր ընկնում, ապա անհանգստանալու պատճառ չկար։ Բայց եթե նա դուրս էր ցցվում և նրա վրայով մրջյուններ էին վազվզում, ապա բնիկների համոզմամբ, պատանուն բերանի խոռոչի հիվանդություն էր սպառնում։ Նոր Հարավային Ուելսի մուռինգ և այլ ցեղերի մարդիկ ջարդած ատամը սկզբում պահ էին տալիս ցեղի ծերունիներից մեկին։ Հետո այն անցնում էր մի ավագից մյուսին, մինչև որ ամբողջ համայնքում շրջան գործելով, վերադառնում էր պատանու հորը և ի վերջո հենց իրեն՝ պատանուն։ Ընդ որում նրանցից ոչ մեկը պահ տված ատամբը չպետք է դներ «մոգական առարկաներով» տոպրակի մեջ, կարծում ՝ին թե հակառակ դեպքում ատամի տերը մեծ վտանգի կենթարկվի։ Մի անգամ խորհրդածեսի ժամանակ պատանիների ջարդած ատամները պահ էին տվել դոկտոր Հաուիթին։ Ցեղի ավագները թախանձագին խնդրել էին նրան, որ ատամները չդնի այն տոպրակը, որի մեջ, ինչպես նրանց հայտնի էր, նա կվարցի բյուրեղներ էր պահում։ Նրանք ասոմ էին, որ եթե այդպես վարվի, բյուրեղների մոգությունը կանցնի ատամներին ու վնաս կպատճառի պատանիներին։ Ատամները պահ տալուց համարյա մեկ տարի անցնելուց հետո Հաուիթին է այցելում մուռինգ ցեղի առաջնորդներից մեկը։ Նա մոտ 250 մղոն ճանապարհ էր կտրել֊անցել ատամները հետ տանելու համար։ Եկողը բացատրել էր, որ պատանիներից մեկը հիվանդացել է, և բնիկները որոշել են, որ ատամը ինչ֊որ վնասվածք է ստացել, որը և անդրադարձել է պատանու առողջության վրա։ Պատվիրակին հավատացնում են, որ ատամը պահվում է տուփի մեջ, բոլոր այն առարկաներից (օրինակ, կվարցից) առանձին, որոնք կարող էին նրա վրա ազդել։ Դրանից հետո մուռինգը տուն է վերադառնում, հետը տանելով խնամքով փաթաթված ատամները։
Բասուտները քաշած ատամները խնամքով պահում են, որպեսզի դրանք առասպելական էակների ձեռքը չընկնեն, որոնք, համաձայն նրանց հավատալիքների, այցելում են գերեզմանները ր կարող են մոգական միջոցներով վնասել ատամի տիրոջը։ Հիսուն տարի առաջ<ref>Խոսքս անցյալ դարի երկրորդ կեսի մասին է։</ref> Սուսեքսի կոմսությունում մի աղախին համառորեն խորհուրդ էր տալիս ընկած կաթնատամները դեն չգցել, որովհետև, եթե կենդանին գտնի ու կրծոտի ատամը, ապա անպայման, պնդում էր նա, երեխայի ատամը նման կլինի կենդանու ատամին։ Որպես ապացույց նա կվայաբերում էր ինչ֊որ ծերունի Սիմոնսի, որի վերին ծնոտից խոզի մեծ ժանիք էր ցցված։ Ծերունու ասելով, ինքը այդ արատի համար պարտական էր մորը, որը երեխայի ընկած ատամը պատահաբար գցել էր խոզի կերատաշտի մեջ։ Այդ հավատալիքը հանգեցնում էր այնպիսի գործողությունների, որոնց նպատակն էր հոմեոպաթիկ մոգության միջոցով փչացած հին ատամները փոխարինել նոր, ամուր ատամներով։ Շատ ժողովուրդներ ընկած կամ քաշած ատամը այնպիսի տեղ են դնում, որ մուկը կամ առնետը գտնի․ նրանք հույս ունեն, որ ատամի ու նրա նախկին տիրոջ միջև գոյություն ունեցող համակրական կապի շնորհիվ նրա ատամները կրծողների ատամների նման ամուր ու դիմացկուն կդառնան։ Գերմանիայի գրեթե բոլոր գյուղացիները այն կարծիքին են, որ քաշած ատամը պետք է մկան բունը խոթել։ Կարծում են, որ եթե ընկած կաթնատամի հետ այդպես վարվեն, ապա երեխայի ատամները ամբողջ կյանքում չեն ցավի։ Կամ ընկած ատամի տերը պետք է մտնի վառարանի հետևը և ատամը գլխի վրայով նետելով՝ ասի․ «Վերցրու քո ոսկրե ատամը, տուր ինձ, մկնիկ, քո երկաթյա ատամը»։ Դրանից հետո նա հիանալի ատամներ կունենա։ Երբ Խաղաղ օվկիանոսում գտնվող Ռարատոնգա կղզում երեխայի ատամը ընկնում էր, բնիկները արտասանում էին հետևյալ թախանձանքը․
Մեծ ու փոքր առնետներ, <br>
Ահա իմ հին ատամը, <br>
Տվեք, խնդրեմ, ինձ նորը։
Այնուհետև ատամը շպրտում էին տան ծղոտե կտուրը, որտեղ, փտած ծղոտի մեջ սովորաբար բուն էին դնում առնետները։ Նման դեպքերում բնիկները առնետներին էին դիմում, որովհետև առնետի ատամները ամենից ամուր էին համարում։
Գոյություն ունի նաև այն հավատալիքը, թե մարդու մարմնի այլ մասերն ու օրգանները ևս, ֆիզիկապես անջատված լինելով մարդուց, համակիր կապի մեջ են նրա հետ։ Այդպիսիների կարգին են դասում, օրինակ, պորտալարն ու ընկերքը։ Այդ կապը այնքան սերտ է համարվում, որ հաճախ ամբողջ կյանքի ընթացքում մարդու բախտը կապում են դրանց բախի հետ։ Երեխայի կյանքը բարեհաջող կդասավորվի, եթե պորտալարը կամ ընկերքը լավ պահպանվի։ Եթե դրանք վնասում կամ կորցնում են, ապա տառապում է նաև երեխան։ Այսպես, Արևմտյան Ավստրալիայի բնիկները հավատում են, թե մարդու լավ կամ վատ լողորդ դառնալը կախված է նրանից, թե երեխայի ծնվելու ժամանակ մայրը պորտալարը գցե՞լ է ջուրը, թե՞ ոչ։ Պենֆատեր գետի (Քվինսլենդ) շրջանի բնիկների մոտ այն հավատքը գոյություն ունի, թե երեխայի հոգու մի մասը մնում է ընկերքի մեջ, դրա համար էլ երեխայի տատը ընկերքը տանում թաղում է ավազի մեջ։ Այդ տեղը նա նշում է՝ ճյուղերը օղակաձև խրելով ավազի մեջ։ Ճյուղերի ծայրերը նա այնպես է կապում, որ ձևով կոն է հիշեցնում։ Երբ Անժեան, այն էակը, որը իբր հղիացնում է կնոջը՝ նրա արգանդում ցեխից ծեփված մանուկ զետեղելով, անցնում է այդ տեղի մոտով, ընկերքից դուրս է հանում հոգին և տանում իր կացարաններից մեկը (փչակ, ժայռի ծերպ կամ գետալճակ), որտեղ այն մնում է տարիներ։ Բայց վաղ թե ուշ Անժեան հոգին վերադարձնում է երեխային, և նա ասես երկրորդ անգամ է լույս աշխարհ գալիս։ Կարոլինյան կղզիներից մեկում (Պոնապե կղզի) պորտալարը դնում են խեցու մեջ և նրա հետ վարվում են այնպես, որ երեխային հնարավորին չափ լավ նախապատրաստեն այն գործունեության համար, որը ընտրել են ծնողները։ Օրինակ, եթե ծնողները ուզում են նրանից հմուտ ծառ մագլցող պատրաստել, ապա պորտալարը կախում են ծառից։ Քեն կղզու բնակիչները պորտալարի մեջ տեսնում են նորածնի եղբորը կամ քրոջը (նայած նրա սեռին)։ Նրանք պորտալարը դնում են մոխրով լցված կավամանի մեջ, որն այնպես են տեղավորում ծառի ճյուղերին, որ այնտեղից նա կարողանա աչալրջորեն հետևել երեխայի ճակատագրին։ Սումատրա կղզու բատակները և Հնդկական օվկիանոսի կղզիների շատ այլ ժողովուրդներ ընկերքը համարում են երեխայի եղբայրը կամ քույրը (սեռը որոշում են երեխայի սեռին համապատասխան) և այն թաղում են տակ տակ։ Բատակները հավատացած են, որ նրանից է կախված երեխայի բարօրությունը, նա փոխանցվող հոգու կացարանն է, որի մասին կխոսենք հետո։ Կարոբատակները համոզված են, որ մարդու ունեցած երկու հոգիներից իսկականն այն է, որը ընկերքի հետ միասին գտնվում է տան տակ․ նրանց ասելով, հենց այդ հոգին է երեխային կյանք տալիս։
Բագանդաները հավատում են, որ ամեն մարդ աշխարհ է գալիս իր կրկնակով, և այդ նմանակին նրանք նույնացնում են ընկերքի հետ։ Մայրն ընկերքը թաղում է բանանի ծառի տակ, որն այդպիսով դառնում է սրբազան այնքան ժամանակ, մինչև որ պտուղները հասունանան և դրանք քաղեն ընտանեկան սուրբ տոնի համար։ Չերոկները աղջկա պորտալարը թաղում են հացահատիկի սանդի տակ, որ նա լավ խոհարարուհի դառնա, իսկ տղայինը անտառում կախում են ծառից, որ նա ճարպիկ որսորդ դառնա։ Պերուացի ինկերը պորտալարը պահում էին մեծ խնամքով, և երբ երեխան հիվանդանում էր, տալիս էին, որ ծծի։ Հին Մեքսիկայում տղայի պորտալարը սովորաբար տալիս էին ռազմիկներին, և նրանք այն թաղում էին ռազմի դաշտում, որ տղան մարտիկ դռանա։ Իսկ աղջկա պորտալարը թաղում էին ընտանեկան օջախի կողքին․ կարծում էին, թե դա նրա մեջ ընտանեկան ամեն ինչի նկատմամբ սեր և կերակուր պատրաստելու հմտություն կառաջացնի։
Շատ եվրոպացիներ մինչև օրս էլ հավատում են, թե անձի ճակատագիրը այս կամ այն կերպ կապված է ընկերքի կամ պորտալարի ճակատագրի հետ։ Այսպես, Բավարիայի Մերձհռենոսյան մարզում պորտալարը միաժամանակ փաթաթում են մի կտոր հին լաթով և նայած երեխայի սեռի՝ մասերի են բաժանում կամ ծածկում են, որպեսզի տղան հմուտ աշխատող, իսկ աղջիկը լավ դերձակուհի դառնա։ Բեռլինում տատմերը սովորաբար չորացած պորտալարը տալիս է երեխայի հորը և խիստ պատվիրում է խնամքով պահել այն․ չէ որ քանի դեռ այն անվնաս է, երեխան կապրի և առողջ կլինի։ Բոսում և Պերշում (Ֆրանսիա) պորտալարը երբեք կրակի կամ ջրի մեջ չեն գցի, քանի որ վախենդում են որ այդպես վարվելու դեպքում երեխան կվառվի կամ կխեղդվի։
Այսպիսով, շատ ժողովուրդներ պորտալարը, իսկ էլ ավելի հաճախ ընկերքը, համարում են կենդանի էակ, երեխայի քույրը կամ եղբայրը, կամ մի առարկա, որի մեջ ոգի է ապրում, երեխայի պահապանը կամ նրա հոգու մի մասը։ Այն հավատը, թե իբր մարդու և նրա պորտալարի կամ ընկերքի միջև համակրական կապ գոյություն ունի, ուղղակի արտահայտվում է տարածված մի սովորույթի մեջ, երբ երեխայի պորտալարի կամ նրա ընկերքի հետ այնպես են վարվում, որ ազդեն մարդու գործունեության բնույթի ու տեսակի վրա։ Այսպիսով, երեխայի ընկերքի (ավելի նվազ չափով պորտալարի) հետ կապված հավատալիքներն ու սովորույթները լիովին համապատասխանում են փոխանցվող կամ արտաքին հոգու մասին լայնորեն տարածված պատկերացմանը և նրա վրա հիմնված սովորույթներին։ Կարելի է առանց վարանելու ենթադրել, որ այդ նմանությունը պարզապես պատահական զուգադիպություն չէ և որ հանձին երեխայի ընկերքի մենք ունենք արտաքին հոգու և նրա հետ կապված սովորույթների պատկերացումների ֆիզիկական հիմքը, գուցեև՝ ոչ միակը։ Այս հարցը մենք կքննարկենք հետագայում։
Շփածին մոգության ուսմունքի հետաքրքրական հավելվածն է այն հավատը, թե վերք պատճառած առարկայի և վիրավորված մարդու միջև կապ գոյություն ունի․ այն, ինչ հետագայում տեղի է ունենում այդ առարկայի հետ, համապատասխան ազդեցություն է գործում տուժողի վրա։ Պլինիոսը գրում է․ եթե դուք զղջում եք, որ մարդուն վիրավորել եք, բավական է մի քանի անգամ թքեք այն ձեռքի վրա, որով վերք եք հասցրել, և վիրավորի տառապանքները վայրկենապես կթեթևանան։ Եթե Մելանեզիայում վիրավորված տղամարդու ընկերները ձեռք են բերում իրենց ընկերոջը խոցած նետը, նրանք դա պահում են խոնավ տեղում կամ զով տերևներով փաթաթած․ նրանք կարծում են, թե այդպիսով վերքը քիչ կբորբոքվի և շուտ կառողջանա։ Մինչդեռ նետ արձակող թշնամին, ընդհակառակը, ջանում է ավելի ծանրացնել վերքը։ Այդ նպատակով նա ու նրա ընկերները տաք, այրող թուրմեր են խմում և ծամում են բորբոքում առաջացնող տերևներ, որի հետևանքով, ինչպես կարծում են նրանք, վերքը պիտի գրգռվի ու բորբոքվի։ Այնուհետև նրանք աղեղը պահում են կրակի մոտ, որպեսզի նրանից արձակած հետի պատճառած վերքը ավելի ցավոտ լինի։ Այդ նույն նպատակով նրանք կրակի մեջ են դնում նետի ծայրակալը (եթե ունեն)։ Նրանք նաև ջանում են աղեղալարը պիրկ պահել և մերթ ընդ մերթ նրանով զիլ ձայներ են արձակում, կարծելով, թե դա վիրավորին ստիպում է տառապել նյարդային լարումից և փայտացման նոպաներից։ «Մեզ անընդհատ հավատացնում են,― գրում է Ֆրենսիս Բեկոնը<ref>Բեկոն Ֆրենսիս (1561-1626)՝ անգլիացի փիլիսոփա։</ref>,― թե երբ յուղում են այն զենքը, որով վերք է հասցվել, վերքը բուժվում է։ Վստահության արժանի մարդկանց շարադրանքում (թեև ես հակված չեմ դրան հավատալ) պետք է ուշադրություն դարձնել հետևյալին․ նախ՝ դրա համար անհրաժեշտ քսուկը պատրաստում են այնպիսի բաղադրամասերից, որոնցից առավել տարօրինակն ու դժվար ճարվողը մեռած բայց չթաղված մարդու գանգամամուռն է, երեխայի կամ զուգավորության ժամանակ սպանված արջի ճարպը։ Փիլիսոփայի վկայությամբ, այս և այլ բաղադրամասերից կազմված արժեքավոր քսուկը ոչ թե վերքի, այլ զենքի վրա են քսում։ Ընդ որում, ինքը վիրավորը գտնվում էր զգալի հեռավորության վրա և ոչնչից տեղյակ չէր։ Բեկանի ասելով փորձի համար զենքի վրայից քսուկը այնպես են մաքրում, որ վիրավորը այդ մասին չիմանա։ Հետևանքը լինում է այն, որ նրա ցավերը իբր սաստկանում են և շարունակվում այնքան, մինչև որ զենքը նորից են յուղում։ Ավելին, «ոմանք պնդում են, որ եթե չենք կարողանում զենք ձեռք բերել, ապա վերքի մեջ զենքի ձև ունեցող երկաթյա կամ փայտյա առարկա դրեք, որը արյունահեսություն առաջացնի, և այդ առարկան քսուկով յուղեք, ինչև նույն ազդեցությունը կգործի։ Արևելյան Անգլիայի կոմսություններում առաջվա նման հիմա էլ են պահանջարկ վայելում այն բուժամիջոցները, որոնց վրա ուշադրություն է դարձրել Բեկոնը։ Այսպես, եթե Աուֆոլկի կոմսության բնակիչը վիրավորվում է էտելու մկրատով կամ գերանդիով, նա փայլեցնելու աստիճան շփում է այդ գործիքը ու քսուկ քսում, որպեսզի վերքը չթարախակալի։ Եթե գյուղացու մատը փուշ է մտնում, նա այդ փուշը հանում է և վրան յուղ կամ ճարպ քսում։ Մի անգամ բժշկի մոտ է գալիս ձեռքի վերքը բացված մի մարդ։ Պարզվում է, որ ցանկապատ պատրաստելու ժամանակ փուշը ծակել է ձեռքը։ Երբ նրան ասում են, որ վերքը թարախակալել է, նա պատասխանում է․ «Դա չպետք է լիներ, չէ որ հենց որ փուշը դուրս քաշեցի, վրան ճարպ քսեցի»։ Եթե ձիու ոտքը մեխ է մտնում, սուֆոլկցի ձիապանը պահում է այդ մեխը, ամեն օր վրան յուղ է քսում, որպեսզի վերքը չթարախակալի։ Քեմբրիջշիրի կոմսության սևագործ բանվորների կարծիքով, եթե ձիու ոտքը մեխ է մտել, պետք է մեխը դուրս քաշել, վրան խոզի ճարպ կամ յուղ քսել և հուսալի տեղ պահել։ Հակառակ դեպքում ձին չի լավանա։ Մի անգամ մի գյուղացի մարդ է ուղարկում անասնաբույժի մոտ, որ նա գա ու զննի իր ձիուն, որի կողը, ֆերմայի դարպասի սյան կեռին քսվելով, պատռվել էր։ Բժիշկը, ֆերմա գալով, նկատում է, որ վիրավոր ձիուն ոչ մի օգնություն ցույց չի տրվել, իսկ տերը զբաղված է սյան կեռը ջարդելով, որպեսզի վրան յուղ քսի ու մի կողմ դնի, որից հետո, ինչպես կարծում են Քեմբրիջի իմաստունները, կենդանին կառողջանա։ Էսեքսի գյուղացիների կարծիքով ևս, եթե մարդը դանակի հարված է ստացել, առողջանալու համար պետք է դանակին յուղ քսել և դնել հիվանդի մահճակալի լայնքով։ Բավարիայում ձեզ խորհուրդ կտան կտավին ճարպ քսել ու դրանով փաթաթել ձեզ վիրավորած կացնի շեղբը, միաժամանակ ջանալով շեղբը վեր պահել։ Կացնին քսած ճարպը չորանալու հետ զուգընթաց ձեր վերքը կլավանա։ Հարցի լեռներում բնակվողները ասում են, որ եթե դուք կտրել եք ձեր որևէ տեղը, ապա դանակի կամ մկրատի վրա պետք է ճարպ քսեք և գործիքը չոր տեղ դնեք՝ հանուն Հոր և Որդու և Սուրբ հոգու։ Հենց որ դանակը չորանա, վերքն էլ կառողջանա։ Իսկ Գերմանիայի ուրիշ շրջանների բնակիչներ այն կարծիքին են, թե դանակը պետք է խոնավ հողի մեջ խրեք, որ ձեր վերքը դանակի ժանգոտելու հետ զուգընթաց լավանա։ Իսկ բավարացիները խորհուրդ են տալիս կացնի կամ այլ առարկայի վրա արյուն քսել և քիվի տակ դնել։
Կենտրոնական Ավստրալիայի բնիկները, անգլիացի ու գերմանացի գյուղացիների, Ամերիկայի ու Մելանեզիայի բնիկների համեմատությամբ, մի քայլ առաջ են։ Նրանց կարծիքով, որպեսզի վիրավորը առողջանա, նրա մոտիկ ազգականները պետք է իրենց մարմնին ճարպ քսեն, սահմանափակեն իրենց կերաբաժինը և որոշակիորեն կարգավորեն իրենց վարքը։ Այսպես, քանի դեռ թլփատումից հետո անչափահասի վերքը չի լավացել, նրա մայրը սննդի մեջ չպետք է պարկամկան միս, մողեսի որոշակի տարատեսակ, նախշազարդ օձ և որևէ ճարպ օգտագործի։ Նման կերը իբր կարող է ուշացնել վերքի ապաքինումը։ Նա ամեն օր յուղ է քսում որպես բրիչ օգտագործվող փայտերին և ոչ մ րոպե դրանք անուշադրության չի մատնում։ Գիշերը դրանք դնում է գլխատակը։ Ոչ ոքի թույլ չի տրվում դրանց ձեռք տալ։ Ամեն օր տղայի մայրը յուղով շփում է իր մարմինը, քանի որ կարծում են, թե դա կօգնի տղայի ապաքինմանը։ Նույն սկզբունքի վրա հիմնված մի այլ նրբացված միջոց են հայտնագործել գերմանացի գյուղացիները։ Երբ Բավարիայի կամ Հեսենի գյուղացիներից մեկի խոզի կամ ոչխարի ոտքը կոտրվում է, նա փաթաթան ու բեկակալ է կապում աթոռին։ Դրանից հետո մի քանի օր ոչ ոքի թույլ չի տրվում այդ աթոռին նստել, շարժել այն կամ սայթաքելով դիպչել դրան, իբր դրանով ցավ կպատճառի վիրավոր խոզին կամ ոչխարին և կխանգարվի նրա առողջանալը։ Վերջին դեպքում շփածին մոգության բնագավառից մենք բացահայտորեն անցանց հոմեոպաթիկ կամ նմանակման մոգության բնագավառը։ Աթոռի ոտքը, որը բուժում են կենդանու ոտքի փոխարեն, բնավ կենդանուն չի պատկանում և այն վիրակապով փաթաթելը զուտ նմանակում է բուժումը, որը բնական վիրաբուժությունը կկիրառեր իսկական հիվանդի նկատմամբ։
Հնարավոր է, որ մարդու և նրան վիրավորող զենքի երևակայական համակրական կապը հենվում է այն պատկերացման վրա, որ զենքի վրայի արյունը շարունակում է հարազատ մնալ վիրավորի արյան հետ։ Համանման պատճառով էլ Նոր Գվինեայից ոչ հեռու գտնվող Թումելո կղզու պապուասները ձգտում են ծովը նետել այն արյունոտ վիրակապերը, որոնցով կապված են եղել իրենց վերքերը, վախենալով, որ եթե այդ փալասները թշնամու ձեռքն ընկնեն, ապա նրանք կարող են դրանց միջոցով վնաս պատճառել իրենց։ Երբ բերանից վիրավորված մի մարդ, որի վերքից անընդհատ արյուն էր հոսում, բժշկական օգնություն ստանալու համար դիմել էր միսիոներներին, նրա կինը ջանում էր հավաքել արյունը և ծովը թափել։
Որքան էլ աղավաղված ու անբնական թվա մեզ այս գաղափարը, դա այնքան էլ անբնական չէ, ինչքան այն հավատը, թե մարդու և հագուստի միջև մոգական կապ է պահպանվում, ըստ որի, այն ամենը, ինչ կատարվում է հագուստի հետ, իբր անդրադառնում է մարդու վրա, անգամ, եթե այդ ժամանակ նա հեռու է գտնվում։ Որևէ մեկին հիվանդացնելու համար Հարավային Ավստրալիայի Վիկտորիայի նահանգի վոճոբալուկ ցեղի կախարդը գողանում է այդ մարդու՝ պարկամկան մորթուց կարված թիկնոցը և դանդաղ խորովում կրակի վրա․ իբր դրանից թիկնոցի տերը հիվանդանում է։ Եթե կախարդը համաձայնում է հմայությունը խափանել, նա թիկնոցը վերադարձնում է հիվանդի բարեկամներին, պատվիրելով այն ջրի մեջ դնել «կրակից մաքրելու համար»։ Որից հետո հինվադն, իբր, թարմացնող զովություն է զգում և առողջանում։ Տաննա կղզում (Նոր Հեբրիդներ) ուրիշի վրա «ատամ ունեցող» և նրա մահը ցանկացող մարդը ձգտում էր ձեռք բերել թշնամու քրտինքով ներծծված հագուստը։ Եթե դա հաջողվում էր, նա մի որոշակի ծառի տերևներով ու ճյուղերով խնամքով շփում էր հագուստը, այնուհետև ճյուղերով ու տերևներով կապում և երկարավուն մի փաթեթ էր անում, որը ձևով նրբերշիկ էր հիշեցնում, և կրակի վրա դանդաղ այրում էր։ Նա հավատացած էր, որ քանի դեռ փաթեթը այրվում է, զոհը հիվանդանում է, իսկ երբ փաթեթը մոխրանում է, նա մեռնում է։ Կարելի է ենթադրել, որ կախարդության այս ձևի ժամանակ մոգական համակրանք գոյություն ուներ ոչ այնքան մարդու և նրա հագուստի, որքան մարդու և նրա մարմինը պատող քրտինքի միջև։ Բայց նման կարգի այլ դեպքերում հագուստն ինքնին բավական էր համարվում, որ կախարդանքը տիրեր իր զոհին։ Երբ բանաստեղծ Թեոկրիտեսի մոտ կախարդուհին հալում էր պատկերը կամ մի կտոր մեղրամոմ, որպեսզի անհավատարիմ սիրեկանը մոմի նման հալվի իր հանդեպ ունեցած սիրուց, նա չի մոռանում կրակի մեջ գցել ցրվածության հետևանքով տանը նրա թողած թիկնոցից մի կտոր։ Պրուսիայի բնակիչները ասում էին, որ եթե դուք չեք կարող գողին բռնել, փախուստի ժամանակ նրա թողած հագուստը ձեռք գցելուց ավելի լավ բան չկա․ եթե դուք մի լավ ձաղկեք հագուստը, գողը կհիվանդանա։ Այս հավատը Այս հավատը ժողովրդի մեջ խորն է արմատավորվել։ XIX դարի սկզբին Բերենդա քաղաքի շրջակայքում մի մարդու բռնացնում են այն պահին, երբ նա փորձում էր մեղր գողանալ։ Նա փախչում է, բայց չի հասցնում վերցնել իր հագուստը։ Երբ նա իմանում է, որ մեղրի գազազած տերը մուրճով հարվածներ է հասցնում իր հագուստին, այնպես է տագնապի մատնվում, որ անկողին է ընկնում ու մեռնում։
Շատերը հավատում են, որ մոգության շնորհիվ մարդու վրա կարելի է համակրությամբ ազդել ոչ միայն հագուստի, կտրած մազերի ու եղունգների, այլև ավազի կամ հողի վրա նրա թողած հետքերի միջոցով։ Ամբողջ աշխարհում մասնավորապես տարածված է այն հավատը, որի համաձայն, վնասելով հետքերը, դուք վնաս եք պատճառում այդ հետքերը թողած ոտքերին։ Հարավարևելյան Ավստրալիայի բնիկները հավատում են, որ կվարցի, ապակու, ոսկորի կամ փայտածուխի սուր կտորներ դնելով ոտնահետքերի վրա, իրենք կարող են կաղ դարձնել մարդուն։ Նկատելով, որ տատունոլունգ ցեղից մի մարդ ուժեղ կաղում է, բժիշկ Հաուիթը հարցրել էր նրան, թե ի՞նչ է պատահել։ Նա պատասխանել էր․ «Ինչ որ մեկը ոտնահետքիս վրա շիշ էր դրել»։ Իրականում նա տառապում էր ռևմատիզմից, բայց կարծում էր, թե թշնամին գտել է իր ոտնահետքը և նար մեջ կոտրած շշի բեկոր է խրել, և մոգական այս գործողությունից էլ առաջացել է իր ոտքի ցավը։
Եվրոպայի տարբեր ժողովուրդների մեջ նույնաբնույթ միջոցներ գոյություն ունեն։ Մեկլենբուրգցիների կարծիքով, եթե մարդու ոտնահետքի մեջ մեխ խրեն (երբեմն պահանջվում է, որ այդ մեխը քաշած լինի դագաղից), մարդը կդառնա կաղ։ Վնաս հասցնելու այս միջոցին են դիմում նաև Ֆրանսիայի որոշ շրջաններում։ Պատմում են, որ Սթոու քաղաքում (Սուֆոլկի կոմսություն) հաճախ մի կախարդ կին էր հայտնվում։ Եթե որևէ մեկը քայլում էր նրա հետևից և նրա ոտնահետքի մեջ մեխ կամ դանակ էր խրում, կինը իբր չէր կարողանում տեղից շարժվել, մինչև այն դուրս չէին քաշում։ Հարավային սլավոնների մոտ աղջիկն իր սիրածի ոտնահետքից հող է վերցնում, լցնում ծաղկի թաղարը և այդ թաղարում անթառամ թավշածաղիկ է ցանում։ Աղջիկը հավատացած է, որ ինչպես աճում, ծաղկում ու անթառամ են մնում այս ոսկեգույն ծաղիկները, այնպես էլ անթառամ կլինի իր սիրածի սերը։ Ենթադրվում է, թե սիրո հմայությունները պատանու վրա կազդեն այդ հողի միջոցով, որի վրայով նա քայլել է։ Մարդու և նրա ոտնահետքերի համակրական կապի այդ նույն գաղափարի վրա էին հենվում հին դանիացիները պայմանագիր կնքելիս։ Որպես պայմանավորվող կողմերի հավատարմության գրավական՝ միմյանց հետքերը ցողում էին իրենց արյամբ։ Հին Հունաստանում էլ են գոյություն ունեցել նման սնահավատություններ։ Այնտեղ, օրինակ, կարծում էին, թե գայլի հետքը տրորած ձին այլևս չի կարող խրխնջալ։ Իսկ Պյութագորասին վերագրվող ասույթը արգելում էր մարդու ոտնահետքի մեջ դանակ կամ մեխ խրել։
Աշխարհի շատ մասերում որսորդները այս նախապաշարմունքն օգտագործում են որսակենդանուն հալածելու նպատակով։ Այսպես, գերմանացի որսորդը հետապնդվող որսի հետքի մեջ դագաղի քաշած մեխ է խրում, հավատացած լինելով, թե դրանով կենդանուն կխանգարի փախչել։ Նույն նպատակով Վիկտորիայի նահանգի ավստրալացի բնիկները հետապնդվող գազանի թարմ հետքի վրա այրվող խանձողներ են դնում։ Հոտենտոտ որսորդները օդ են նետում որսի թողած հետքից վերցրած մի բուռ ավազ՝ կարծելով, թե դա կտապալի կենդանուն։ Թոմպսոն գետի ցեղի հնդկացիները վիրավոր եղնիկի հետքի վրա բժժանքներ էին դնում, որից հետո այդ օրը հետապնդումն ավելորդ էր համարվում, չէ որ կախարդված եղնիկը հեռու չի փախչի և շուտով կսատկի։ Օջիբվե հնդկացիները եղնիկի կամ արջի հետքի վրա բուսաթույն էին դնում, կարծելով, եթե կենդանին այդ պահին անգամ երկու֊երեք օրվա ճանապարհ էլ հեռու լինի իրենցից, շուտով կհայտնվի հասանելիության սահմաններում։ Արևմտյան Աֆրիկայի էվե ցեղի որսորդները որսի հետքերը ծածկում են սրածայր փայտերով, հավատացած լինելով, թե դա կխեղի կենդանուն, և իրենք կկարողանան հասնել նրան։
Թեև ոտնահետքը ավելի նկատելի է, բայց այն մարդու թողած միակ հետքը չէ, որի միջոցով «կարելի է» մարդու վրա մոգական ազդեցություն գործել։ Հարավարևելյան Ավստրալիայի բնիկները հավատում են, որ մարդուն կարելի է վնաս հասցնել կվարցի, ապակու և այլ առարկաների սուր կտորներ խրելով այն հետքի մեջ, որը նրա մարմինը թողել է պառկած ժամանակ․ այդ սուր առարկաների մոգական ուժը թափանցում է նրա մարմինը և պատճառում այն սուր ցավերը, որոնք «տգետ» եվրոպացին ռևմատիկ ցավեր է համարում։ Այժմ մենք հասկանում ենք, թե պյութագորականները ինչու էին այն կարծիքին, թե անկողնուց ելնելով՝ անհրաժեշտ է հարթել անկողնու սպիտակեղենի վրա եղած հետքը։ Այս խորհուրդը ոչ այլ ինչ է, քան կախարդանքներից զգուշանալու հանգույն միջոց, սնահավատության մի ամբողջ օրենսգրքի մաս, որը անտիկ աշխարհը վերագրում էր Պյութագորասին, թեև կասկածից վեր է, որ հույները դրան ծանոթ էին այդ փիլիսոփայից դեռ շատ առաջ։
==Մոգության կազմավորման փուլերը==
Ահա և մենք ավարտեցինք համակրական մոգության ընդհանուր սկզբունքների հետազոտումը։ Այն օրինակները, որոնց միջոցով պարզաբանեցինք դրանք, մեծ մասամբ փոխ էին առնված մասնավոր մոգության, այսինքն՝ առանձին անձնավորությունների օգուտ կամ վնաս բերելու նպատակ հետապնդող կախարդական ծեսերի ու հմայախոսությունների բնագավառից։ Սակայն նախնադարյան հասարակարգում, սովորաբար մենք ի հայտ ենք բերում նաև այսպես կոչված հանրային մոգություն, որը կիրառվում է հօգուտ ամբողջ համայնքի բարօրության։ Նման դեպքերում մոգն, ասես, հասարակական պաշտոնատար անձ է դառնում։ Այս պաշտոնատար անձանց առաջացումը մեծ նշանակություն ուներ հասարակության քաղաքական և կրոնական զարգացման առումով։ Չէ որ, երբ ամբողջ ցեղի բարօրությունը կախման մեջ է դրվում մոգական ծեսերի կատարումից, կախարդը դառնում է հարգելի ու ազդեցիկ անձնավորություն և կարող է առանց դժվարության հասնել առաջնորդի կամ թագավորի աստիճանի։ Զարմանալի չէ, որ զբաղմունքի այդ ձևը հրապուրում էր ցեղի առավել ընդունակ և փառասեր անդամներին, քանի որ դա իր հեռանկարով մյուսներից ավելի շատ էր հարգանք, հարստություն և իշխանություն խոստանում։ Նրանցից ավելի խելամիտները սկսում են հասկանալ, թե որքան հեշտ է հիմարացնել իրենց ավելի դյուրահավատ եղբայրակիցներին, նրանց սնահավատությունը շրջել, ծառայեցնել իրենց օգտին։ Սա չի նշանակում, թե կախարդը միշտ խորամանկ ու խաբեբա է։ Հաճախ նա անկեղծորեն համոզված է, թե ինքն իրոք տիրապետում է այն զարմանալի ուժին, որով նրան օժտում է ցեղակիցների դյուրահավատությունը։ Բայց ինչքան նա խորաթափանց է, այնքան ավելի հավանական է, որ նա կռահում է այն մոլորությունները, որոնք հրապուրում են պակաս զգոն մարդկանց։ Այս «մասնագիտության» ամենաընդունակ ներկայացուցիչները, հավանաբար, դառնում են ավել կամ պակաս գիտակից խաբեբաներ։ Աչքի ընկնող ընդունակությունների շնորհիվ էլ հենց այդ մարդիկ են սովորաբար առավել մեծ հարգանք ու բարձրագույն իշխանություն ձեռք բերում։ Մասնագետ կախարդի ճանապարհին բազում ծուղակներ են դրված և, որպես կանոն, միայն շատ սառը դատողության ու սուր մտքի տեր մարդը կարող է անվտանգ խուսանավել դրանցից։ Պետք է հաշվի առնել, որ կախարդի ամեն մի հայտարարություն կամ պահանջ, որպես այդպիսին, կեղծ է։ Դրանցից ոչ մեկը չի կարելի պաշտպանել առանց գիտակցված կամ չգիտակցված խաբեության։ Հետևաբար, կախարդը, որը անկեղծորեն հավատում է իր «արտակարգ» ընդունակություններին ու հնարավորություններին և դրանցով հիմնավորում իր ոչ չափավոր հավակնությունները, ավելի քան մեծ վտանգի է ենթարկվում։ Ուստի ավելի հավանական է, որ առաջխաղացում կունենա ոչ թե նա, այլ կանխամտածված խաբեբան։ Ազնիվ կախարդը սպասում է, որ իր կախարդանքներն ու նզովքները ենթադրվելիք ներգործությունը կունենան, այդ պատճառով էլ, երբ նա անհաջողության է մատնվում, կործանարար անհաջողության, որը, ինչպես հաճախ է պատահում, չի կարելի թաքցնել, անակնկալի է գալիս։ Ի տարբերություն իր խարդախ գործընկերոջ, նա պատրաստ չի պահում այդ ձախողման համար արդարացում, իսկ մինչ նա որոնի֊գտնի այն, հիասթափված ու կատաղած ցեղակիցները կհասցնեն ոլորել նրա վիզը։
Հասարակական զարգացման այս աստիճանին բարձրագույն իշխանությունը, որպես կանոն, ընկնում է առավել խորաթափանց ու միջոցների մեջ խտրականություն չդնող մարդկանց ձեռքը։ Եթե կշեռքի մի նժարին դնենք նրանց խարդախությունների պատճառած վնասը, մյուսի վրա՝ նրանց խորաթափանցության տված օգուտը, ապա կարող է ստացվել, որ լավը մեծապես կգերակշռի։ Այս աշխարհում, ըստ երևույթին, ավելի շատ փորձանքներ են բերել բարձր պաշտոններում գտնվող ազնիվ հիմարները, քան խելամիտ խարդախները։ Խորամանկ խարդախը, հենց որ հագուրդ է տալիս իր փառամոլությանը, այլևս ոչ մի շահադիտական նպատակ չի հետապնդում և կարող է (ինչպես հաճախ անում է) իր ընդունակությունները, փորձն ու հնարավորությունները ի սպաս դնել հասարակությանը։ Նրանցից շատերը, որոնք ամենից քիչ են փափկանկատություն հանդես բերել իշխանությունը գրավելիս՝ լինի դա դրամի, քաղաքական, թե մի այլ տենչալի իշխանություն, օգտագործել են այն ամենաբարեգործական ձևով։ Խարդախ բանսարկուն, դաժան հաղթողը կարող է կյանքն ավարտել որպես կենդանության օրոք օրհնված մահից հետո ողբացվող, սերունդների գովանսանքին ու հիացմունքին արժանի իմաստուն ու մեծահոգի կառավարիչ։ Դրա ամանանշանակալի օրինակները Հուլիոս Կեսարն<ref>Գայոս Հուլիոս Կեսար (102-կամ 100-44 մ․թ․ա․)՝ հռոմեական պետական ու քաղաքական գործիչ, զորավար ու գրող։</ref> ու Օգոստոս Օկտավիանոսն<ref>Օգոստոս Օկտավիանոս(մ․թ․ա․ 63-մ․թ․ 14)՝ հռոմեական կայսր։</ref> էին։ Անգլիայի պատմության մեծագույն աղետը՝ Ամերիկայի հետ պառակտվելը, կարող էր տեղի չունենալ, եթե Գեորգ III թագավորը (1760-1820) թեև ազնիվ, բայց բթամիտ մարդ չլիներ։
Քանի որ հասարակական մոգությամբ զբաղվելը ազդեցություն էր գործում նախնադարյան հասարակության կառուցվածքի վրա, այն նպաստել է, որ համայնքի գործերի վրա հսկողությունն անցնի ավելի ընդունակ մարդկանց ձեռքը։ Դրա հետևանքով դեմոկրատիան փոխարինվել է միապետությամբ, ավելի ճիշտ՝ ավագների օլիգարխիայով։ Նախնադարյան համայնքը ամենից առաջ կառավարում էր ոչ թե ցեղի արական սեռի բոլոր չափահաս անդամների ժողովը, այլ՝ ավագների խորհուրդը։ Ինչպիսին էլ որ եղած լինեն գործերի այդպիսի վիճակի պատճառները և առաջին կառավարիչների խառնվածքը, այդ փոփոխությունը, ամբողջությամբ վերցրած, բավականին բարենպաստ էր։ Միապետության ծագումը վայրենության աստիճանից մարդկանց դուրս գալու կարևոր պայմանն է։
Քանի որ չկա սովորույթներից ու սնահավատություններից ավելի շատ նեղված մի էակ, քան նախնադարյան դեմոկրատիայի կառավարման ժամանակների վայրենին։ Ոչ մի հասարակարգում առաջադիմությունը այնքան դանդաղ ու դժվար չի ընթացել, որքան նախնադարյան դեմոկրատիայի պայմաններում։ Վայրենու որպես մարդկանցից ամենաազատի մասին հին պատկերացումը հակասում է ճշմարտությանը։ Նա ստրուկ է, բայց ոչ թե ինչ֊որ տիրոջ ստրուկ, այլ անցյալի, մեռած նախնիների հոգիների ստրուկ, որոնք ծննդից մինչև մահ հետապնդում ու երկաթե ձեռքով կառավարում են նրան։ Նախնիների արարքները նրա համար իսկական չգրված օրենք են, որին նա հպատակվում է կուրորեն, առանց դատողությունների։ Նման իրավիճակում շնորհալի մարդիկ գրեթե հնարավորություն չունեին հին սովորույթները ավելի լավերի փոխարինել։ Ամենաընդւոնակ մարդը քարշ է գալիս ամենաթույլի ու ամենահիմարի հետևից, որին նա, անհրաժեշտության բերումով, որպես օրինակ է ընդունում, որովհետև վերջինս չի կարող բարձրանալ, իսկ առաջինը կարող է ընկնել։ Քանի որ նման կարգի հասարակություններում բնական անհավասարության և բնածին ընդունակությունների հսկայական տարբերությունները հանգեցնում են հավասարության մակերեսային, կեղծ երևութականության, նախնադարյան համայնքի կյանքը արտաքինից միանգամայն միապաղաղ պատկեր էր ներկայացնում։ Ուստի, եթե նկատի ունենանք հասարակության իսկական բարօրությունը, ապա հավանության է արժանի այն ամենը, որը տաղանդին հնարավորություն տալով առաջ գնալ և այդպիսով իշխանության տիրանալ՝ մարդկանց բնական ընդունակություններին համապատասխան, հասարակությանը օգնեց դուրս գալ այն չզարգացած ու քարացած վիճակից, որը շատ ուշ շրջանի ամբոխավարներն ու երազողները փառաբանում էին որպես Ոսկե դար և մարդկության երանելի վիճակ։
Հենց այդ շարժիչ ուժերը գործողության մեջ են մտնում (իսկ դրանք չի կարելի անընդհատ ճնշել), քաղաքակրթության առաջընթացը համեմատաբար արագանում է։ Բարձրագույն իշխանությունը մի մարդու ձեռքին կենտրոնանալը նրան հնարավորություն է տալիս իր կենդանության օրոք այնպիսի վերափոխումներ կատարել, որոնք չէին կարող իրականացնել նախորդած ամբողջ սերունդներ։ Իսկ եթե դրա հետ միասին այդ անձնավորությունը արտակարգ խելքի ու եռանդի տեր է, նա հեշտությամբ օգտվում է իրեն ընձեռնած հնարավորություններից։ Անգամ բռնակալի քմահաճույքներն ու ինքնագլխությունը կարող են օգտակար լինել և փշրել այն շղթան, որով սովորույթը այնքան ուժեղ է կաշկանդում վայրենուն։ Հենց որ ավագների անվճռական ներքին հակասություններից բզկտվող խորհուրդները դադարում են ղեկավարել ցեղը, և իշխանությունը անցնում է մի ուժեղ ու վճռական մարդու ձեռքը, նա սկսում է վտանգ ներկայացնել իր հարևանների համար և բռնում է զավթումների ուղին, որոնք պատմության վաղ շրջաններում հաճախ նպաստում էին հասարակական արտադրական ու մտավոր առաջընթացին։ Մասամբ զենքի ուժով, մասամբ համեմատաբար թույլ ցեղերի ինքնակամ հնազանդումով ընդարձակելով իր իշխանությունը, այդ ցեղը շուտով հարստություն ու ստրուկներ է ձեռք բերում, որոնք մարդկանց ամբողջական դասեր ազատելով գոյատևման անդուլ պայքարից, նրանց հնարավորություն են տալիս մարդու վիճակը բարվոքելու նպատակով նվիրվել գիտելիքների՝ ամենաազնիվ և ուժեղագույն զենքի անշահախնդիր ձեռքբերմանը։
Մտավոր առաջընթացը, որը արտահայտվում է գիտության ու արվեստի զարգացմամբ և ավելի ազատ հայացքների տարածմամբ, անքակտելի է արտադրական և տնտեսական առաջընթացից, իսկ այդ վերջինը իր հերթին հզոր ազդակ է ստանում ռազմական հաղթանակներից ու նվաճումներից։ Պատահական չէ, որ մարդու մտավոր ակտիվության ամենահզոր պոռթկումները կրնկակոխ հաջորդել են հաղթանակներին, և քաղաքակրթության զարգացման ու տարածման համար, որպես կանոն, ամենից շատ բան են արել հաղթողների ցեղերը։ Խաղաղ ժամանակ նրանք այդպես էին բուժում պատերազմի հասցրած վերքերը։ Անցյալում այդպիսի պոռթկումների վկաներ են եղել բաբելոնացիները, հույները, հռոմեացիները, արաբները։ Եթե հասնենք պատմության ակունքները, ապա կարելի՞ է արդյոք պատահական համարել այն փաստը, որ քաղաքակրթության ուղղությամբ առաջին քայլերը, օրինակ՝ Եգիպտոսում, Բաբելոնում և Պերուում, կատարվել են բռնակալական և աստվածապետական իշխանությունների օրոք, երբ բարձրագույն տիրակալը՝ որպես արքա ու աստված, իր հպատակներից պահանջում ու հասնում էր ստրկական հպատակության։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ վաղնջական այդ դարաշրջանում բռնակալությունը եղել է մարդկության և, որքան էլ արտառոց թվա, ազատության բարեկամը։ Չէ որ, վերջին հաշվով, ամենաբացարձակ բռնակալության, ամենատանջալի բռնապետության ժամանակ ազատությունը, բառիս ամենալավ իմաստով, օրինակ, մտածելու և սեփական բախտը տնօրինելու ազատությունն ավելի շատ է, քան վայրենիների առերևույթ ազատ թվացող կյանքում, որոնց շրջանում անհատը օրորոցից մինչև գերեզման բանտված է սովորույթների պրոկրուստյան մահճում<ref>Այս թեզը, թե նախնադարյան համայնական հասարակարգը համատարած ստրկության, սովորույթներին համընդհանուր կերպով բացարձակապես ենթարկվելու դարաշրջան էր, պաշտպանում են նաև սովետական որոշ հետազոտողներ։ Տե՛ս՝ Поршиеу Б.Ф. Социальная психология и история. М. 1979б с. 217-219։</ref>։
Քանի որ հանրային մոգությամբ զբաղվելը մեկն էր այն ուղիներից, որոնցով առավել ընդունակ մարդիկ հասել էին բարձրագույն իշխանության, ապա այն ավանդ է ներդրել ավանդություններին ստրկորեն ենթարկվելուց մարդկությանը ազատագրելու գործում, նրան հասցրել ավելի ազատ կյանքի, աշխարհի մասին ավելի լայն պատկերացման։ Քիչ ծառայություն չէ։ Մոգությունն է հարթել գիտության ճանապարհը, այդ պատճառով էլ մենք ստիպված ենք խոստովանել, որ, թեպետև գրբացությունը մեծ չարիք է պատճառել, բայց դրա հետ միասին մեծ բարիքի աղբյուր է դարձել։ Մոգությունը մոլորության դուստրն էր և միաժամանակ՝ ազատության ու ճշմարտության մայրը։
=Գլուխ IV. Մոգությունը և կրոնը=
Նախորդ գլխում բերված օրինակները բավական էին համակրական մոգության երկու ճյուղավորումների՝ հոմեոպաթիկ մոգության և շփածին մոգության աշխատանքի ընդհանուր սկզբունքների պարզաբանելու համար։ Ինչպես տեսանք, բերված օրինակներից մի քանիսում ենթադրվում է ոգիների միջամտություն և փորձ է արվում աղոթքի ու զոհաբերության միջոցով նվաճել նրանց բարեհաճությունը։ Սակայն ընդհանրապես նման դեպքերը բացառիկ են։ Դրանցում մոգությունը հանդես է գալիս կրոնի հետ միաձուլված։ Այնտեղ, որտեղ մոգությունը հանդես է գալիս անաղարտ տեսքով, ենթադրվում է, որ մի բնական երևույթ անհրաժեշտաբար անփոփոխ հաջորդում է մեկ ուրիշին, առանց անձնական և հոգեկան գործոնի մասնակցության։ Մոգության հիմնական ենթադրությունը այսպիսով նույնական է ժամանակակից գիտության հայեցակետի հետ․ ինչպես մոգության, այնպես էլ գիտության հիմքում ընկած է հաստատ հավատը բնական երևույթների կանոնավորության ու միօրինակության նկատմամբ։ Մոգը չի կասկածում, որ միևնույն պատճառները միշտ էլ կառաջացնեն միևնույն հետևանքները, որ որոշակի հմայախոսքերով ուղեկցվող անհրաժեշտ ծեսերի կատարումը անխուսափելիորեն կհասցնի ցանկալի արդյունքի, եթե միայն մի այլ կախարդի գործադրված ավելի ուժեղ կախարդանքներով չչեզոքացվի այդ կախարդանքը։ Մոգը չի թախանձում հզորագույն ուժին, չի որոնում գերբնական էակի բարեհաճությունը, չի նվաստանում փոփոխական ու քմահաճ ահեղ աստվածության առաջ։ Բայց նրա իշխանությունը, որքան էլ նա մեծ համարի այն, երբեք կամայական ու անսահման չէ։ Նա դրան տիրում է այնքանով, որքանով խստիվ հետևում է իր արվեստի կանոններին կամ բնության օրենքներին, ինչպես դրանք ինքը հասկանում է։ Այդ կանոնները արհամարհելը, այդ օրենքները խախտելը (թեկուզ և աննշան չափով) նշանակում է անհաջողության մատնել իրեն և նույնիսկ ծայրահեղ վտանգի ենթարկել իր կյանքը։ Եթե մոգը հավակնում էլ է բնության նկատմամբ գերագույն իշխանություն ձեռք բերել, ապա այդ իշխանությունը սահմանադրական է, իր լիազորություններով սահմանափակ, և իրագործելի է այն դեպքում, երբ լիովին համապատասխանում է հին սովորույթին։ Այնպես, որ մոգական և գիտական աշխարհայացքի համանմանությունը հիմնավորված է։ Երկու դեպքում էլ ընդունվում է, որ իրադարձությունների հաջորդականությունը միանգամայն որոշակի է, կրկնվող և ենթարկվում է անփոփոխ օրենքների գործողությանը, որոնց դրսևորումները կարելի է ճշգրիտ հաշվարկել ու կանխատեսել։ Բնական ընթացքից վտարվում են փոփոխականությունը, անկայունությունն ու պատահականությունը։ Ինչպես մոգությունը, այնպես էլ գիտությունը անսահման թվացող հեռանկարներ են բացում նրա առջև, ով գիտե երևույթների պատճառները և կարող է առնչվել բնության վիթխարի ու բարդ մեխանիզմը շարժման մեջ դնող զսպանակի գաղտնիքներին։ Այստեղից էլ մարդկային մտքի համար այն ձգողականությունը, որին երկուսն էլ տիրապետում են, և այն հզոր խթանը, որ նրանք տվել են գիտելիքների կուտակմանը։ Ներկայի հիասթափությունների անապատի միջով նրանք հոգնաբեկ հետազոտողին հրապուրում են առաջ՝ դեպի ապագայի անվերջ մեծագործությունները։ Մոգությունն ու կրոնը մարդուն կարծես հասցնում են բարձր֊բարձր լեռան գագաթը, որտեղ թանձր ամպերի ու մշուշի ետևում երևում է հեռավոր, բայց ոչ երկրային փառահեղությամբ շողացող, անրջանքի լույսերով ողողված երկնային քաղաքի տեսիլքը։
Մոգության ճակատագրական արատը դեպքերի օրինակերպ հետևողականության ընդհանուր ենթադրությունը չէ, այլ այդ հետևողականությունը ղեկավարող մասնակի օրենքների բնույթի միանգամայն սխալ պատկերացումը։ Եթե վերլուծենք համակրական մոգության այն սակավաթիվ օրինակները, որ քննարկեցինք նախորդ էջերում, ապա, ինչպես արդեն նշել եմ, կպարզվի, որ դրանք մտածողության երկու՝ ֊ամանակի ու տարածության մեջ ըստ նմանության գաղափարների զուգորդման և ըստ հարակցության գաղափարների զուգորդման, հիմնական օրենքներից մեկի սխալ կիրառումներն են։ Հոմեոպաթիկ կամ նմանակման մոգությունը առաջ է քաշում նման գաղափարների սխալ զուգորդումը, իսկ շփածին մոգությունը՝ հարակից գաղափարների սխալ զուգորդումը։ Զուգորդման այս երկու սկզբունքները ինքնըստինքյան անբասիր են և միանգամայն անհրաժեշտ են մարդկության բանականության գործունեության համար։ Դրանց ճիշտ կիրառումը ծնում է գիտություն, դրանց սխալ կիրառումը ծնում է գիտության ապօրինի քրոջը՝ կեղծ է ու անպտուղ, տափակություն ու գրեթե նույնաբանություն կլիներ, չէ որ, եթե այն ճշմարտացի ու արդյունավետ լիներ, կլիներ ոչ թե մոգություն, այլ գիտություն։ Մարդը իր պատմության ամենավաղնջական շրջանից ներգրավվել է այն ընդհանուր սկզբունքների որոնումների մեջ, որոնց միջոցով կարելի է իր օգտին շրջել բնության կարգը։ Բազմադարյան ուսումնասիրությունների ընթացքում նա շատ ու շատ նման սկզբունքներ է կուտակել, որոնց մի մասը արդյունավետ է, իսկ մյուս մասերը հասարակ խարամ են։ Ճշմարտացի սկզբունքները մտնում են կիրառական գիտության մեջ, որոնք մենք անվանում ենք «արվեստներ», մինչդեռ մոգությունը կազմված է կեղծ սկզբունքներից։
Եվ այսպես, ինչպես պարզվեց, մոգությունը գիտության մոտ ազգականն է։ Մնում է պարզել, թե նա ինչպիսի հարաբերության մեջ է կրոնի հետ։ Այս հարցի պատասխաններում, անշուշտ, կարտացոլվեն կրոնի բնույթի մասին մեր ունեցած հայացքները։ Ուստի հեղինակից կարելի է սպասել, որ մոգության հետ կրոնի առնչության հետազոտմանը անցնելուց առաջ տա կրոն հասկացության սահմանումը։ Չկա մի այլ առարկա, որի շուրջ տարակարծությունները այնքան ուժեղ լինեն, որքան կրոնի բնույթի հարցում։ Անհնար է տալ կրոնի այնպիսի սահմանում, որը բոլորին բավարարի։ Հեղինակը կարող է․ նախ՝ ասել, թե ինքը ի/նչ է հասկանում կրոն ասելով, և երկրորդ՝ ամբողջ աշխատության մեջ հետևողականորեն այդ տերմինը օգտագործել նշված իմաստով։ Ուրեմն այսպես, կրոն ասելով ես հասկանում եմ մարդուց վեր կանգնած ուժերին գթասիրտ դարձնելն ու խաղաղեցնելը, ուժեր, որոնք, ինչպես թվում է, ուղղություն են տալիս և վերահսկում են բնության երևույթների և մարդկային կյանքի ընթացքը։ Այս ըմբռնմամբ կրոնը բաղկացած է տեսական ու գործնական տարրերից, այն է՝ բարձրագույն ուժերի գոյության հավատից և նրանց գութը շարժելու և սիրաշահելու ձգտումից։ Առաջին տեղը գրավում է հավատը, որովհետև աստվածության գութը շարժելուց առաջ պետք է հավատալ նրա գոյությանը։ Բայց եթե կրոնը չի մղում կրոնական բնույթի գործողությունների, ապա դա արդեն կրոն չէ, այլ ուղղակի աստվածաբանություն, որովհետև սուրբ Հակոբի արտահայտությամբ «հավատը առանց գործի մեռած է»։ Այլ կերպ ասած, նա, ով իր վարքագծում գոնե ինչ֊որ չափով չի ղեկավարվում աստծո հանդեպ ունեցած երկյուղով կամ սիրով, նա կրոնասեր մարդ չէ։ Մյուս կողմից՝ կրոնական հավատով չամրապնդված վարքագիծն էլ չի կարելի կրոնական համարել։ Երկու մարդ կարող են իրենց նույն ձևով պահել, բայց և այնպես, դրանցից մեկը կլինի կրոնասեր, իսկ մյուսը՝ ոչ։ Եթե մարդը գործում է աստծու հանդեպ տածած սիրուց մղված կամ նրանից երկյուղելով, նա կրոնասեր է։ Իսկ եթե նա գործում է մարդու հանդեպ տածած սիրուց կամ նրանից վախենալով, այդ մարդը բարոյական կամ անբարոյական է՝ նայած թե նրա վարքագիծը համապատասխանո՞ւմ է, թե՞ հակասում ընդհանուր բարօրությանը։ Այդ իսկ պատճառով, հավատն ու գործելը կամ, աստվածաբանության լեզվով ասած, հավատը և «գործերը» հավասարապես կարևոր են կրոնի համար, որն առանց մեկի կամ մյուսի չի կարող գոյություն ունենալ։ Բայց պարտադիր չէ և միշտ չէ, որ կրոնական գործողությունը ծիսակատարության ձև է ընդունում, այսինքն բաղկացած է լինում աղոթքներ ասելուց, զոհեր մատուցելուց և ծիսական արտաքին այլ գործողություններից, որոնց նպատակն է գոհացնել աստվածությանը։ Բայց եթե աստվածությունը, նրա հետևորդների կարծիքով, գոհանում է գթությամբ, ներմամբ ու մաքրությամբ և ոչ թե արյունալի զոհաբերություններով, օրհներգություններով և խնկարկությամբ, ապա ավելի լավ կլինի նրան սիրաշահել ոչ թե նրա առաջ գետնամած փռվելով, նրան փառաբանելով և տաճարը թանկարժեք նվերներով լցնելով, այլ համակվելով մաքրությամբ, մարդկանց հանդեպ գթաստրությամբ ու կարեկցանքով։ Չէ որ այդպես վարվելով, որքան թույլ է տալիս նրանց մարդկային թուլությունը, նրանք ընդօրինակում են աստվածային բնույթի կատարելությունԸ։ Այսպիսին է կրոնի բարոյագիտական կողմը, որ անդադրում արմատավորում էին աստվածային սրբության ազնիվ գաղափարներով ներշնչված հրեա մարգարեները։ Օրինակ, Մեքիա մարգարեն բացականչում է․ «Ով մարդ, քեզ ասված է, թե ինչն է բարին և ինչ է պահանջում քեզանից Տերը՝ գործիր արդար, սիրիր բարեգութ արարքները, հեզաբարո քայլիր քո Աստծո առաջ» (Միք․ 6, 8)։ Աստծո բարոյական էության, նրա հետ համակերպվելու՝ մարդկանց վրա դրված պարտականության այս նույն վեհ պատկերացումից էլ շատ ուշ ժամանակներում ուժ էր քաղում քրիստոնեությունը, որի միջոցով նա նվաճեց աշխարհը։ «Հոր և Աստծո առաջ մաքուր ու անբասիր բարեպաշտությունը այն է,― ասում է սուրբ Հակոբը,― որ պատսպարեն վշտացյալ որբերին ու այրիներին և աշխարհից անապական պահեն իրենց» (Հակ․ 1, 27)։
Բայց եթե կրոնի հիմքում դրված է․ նախ՝ գերբնական էակների գոյության հավատը, երկրորդ՝ նրանց բարեհաճությանը արժանանալու ձգտումը, ապա ենթադրվում է, որ բնական իրադարձությունների ընթացքը ինչ֊որ չափով առաձգական ու փոփոխական է և որ կարելի է ամենազոր գերբնական էակներին համոզել կամ դրդել գործելու մեր օգին այն դուրս բերել իր սովորական հունից։ Բնության առաձգականության ու փոփոխականության մասին կարծիքը ուղղակի հակասում է մոգության ու գիտության սկզբունքներին, որոնք ընդունում են, որ բնության երևույթները անողոք ու անփոփոխ են իրենց ընթացքով։ Ուստի հնարավոր չէ համոզելով ու պաղատանքով, սպառնալիքներով ու վախեցնելով հունից հանել դրանք։ Մրցակցող այս երկու աշխարհայացքների տարբերությունը կախված է սկզբունքայնորեն հետևյալ կարևոր հարցին պատասխանելուց․ աշխարհը կառավարող ուժերը գիտակցական ու անձնավո՞ր, թե՞ անգիտակից ու անդեմ բնույթ ունեն։ Ձգտելով խաղաղեցնել գերբնական ուժերին, կրոնը ընդունում է աստվածների անձնավոր ու գիտակցական բնույթը։ Ամեն մի խաղաղեցում ենթադրում է, որ խաղաղեցվող էակը գիտակից է ու անձավոր, որ նրա վարքագիծը որոշ չափով անորոշ է և որ խելամիտ մոտենալով նրա շահերին, հակումներին ու զգացումներին, կարելի է նրան համոզել, որ փոխի իր վարքագիծը։ Խաղաղեցումը երբեք չի կիրառվում անշունչ համարվող իրերի և այն անձանց նկատմամբ, որոնց վարքագիծը որոշակի հանգամանքներում հայտնի է բացարձակ ճշգրտությամբ։ Այնպես որ կրոնը հիմնավորապես ներկա է մոգությանն ու գիտությանը, քանի որ ենթադրում է, թե աշխարհը կառավարում են գիտակից էակները, որոնց կարելի է համոզելու միջոցով շեղել իրենց մտադրությունից։ Մոգության ու գիտության համար, ինքնին հասկանալի է, որ բնության երևույթների ընթացքը որոշում են ոչ թե անձնավոր գերբնական էակների կրքերը կամ քմահաճույքները, այլ մեխանիկական անփոփոխ օրենքների գործողությունը։ Ճիշտ է, մոգությունը այս ենթադրությունը պարունակում է թեականորեն, իսկ գիտությունը այն բացատրում է։ Մոգությունը հաճախ գործ ունի ոգիների, այն է՝ մասնավոր առարկաների հետ, ինչը նրան հարազատացնում է կորնի հետ։ Սակայն մոգությունը դրանց հետ վարվում է ճիշտ այնպես, ինչպես որ վարվում է անշունչ առարկաների հետ, այսինքն փոխանակ կրոնի նման խաղաղեցնելու ու գթասիրտ դարձնելու նրանց, նա նրանց պարտադրում է ու ստիպում<ref>Մարդուն ծառայել ստիպելու նպատակով կախարդելը հաճախ նշվում է «էկզորկիզմ» տերմինով (ի տարբերություն բուն մոգության և գթաշարժահարույց պաշտամունքի)։</ref> Մոգությունը ելնում է այն բանից, որ բոլոր անձնավոր էակները՝ լինեն դրանք մարդիկ, թե աստվածներ, վերջին հաշվով ենթարկվում են անդեմ ուժերին, որոնք վերահսկում են ամեն ինչ, բայց որոնցից, այնուամենայնիվ, կարող է օգուտ քաղել նա, ով գիտե թե ծեսերի ու կախարդական բժժանքների միջոցով ինչպես գործի դնել դրանք։ Օրինակ՝ հին Եգիպտոսում կախարդները այն կարծիքի էին, թե իրենց կարող են նույնիսկ բարձրագույն աստվածներին ստիպել կատարել իրենց հրամանները և չհնազանդվելու դեպքում սպառնում էին կործանել նրանց։ Երբեմն կախարդը, չհասնելով այդպիսի ծայրահեղության, նման դեպքերում հայտարարում էր, թե Օսիրիսի ոսկորները կցրի աշխարհի չորս կողմը, կամ, եթե նա համառի, կհրապարակի նրան նվիրված առասպելը։ Հնդկաստանում մինչև օրս հինդուիզմի եռյակը՝ Բրահման, Վիշնուն և Շիրվան, «ենթարկվում է» բրահմաններին, որոնք իրենց կախարդանքների շնորհիվ այնպիսի ազդեցություն են գործում աստվածությունների վրա, որ նրանք ստիպված են երկնքում և երկրի վրա հնազանդորեն կատարել այն բոլոր հրամանները, որոնք նրանց տերերը՝ կախարդները, կբարեհաճեն արձակել։ Հնդկաստանում մի այսպիսի ասացվածք կա․ «Ամբողջ աշխարհը ենթարկվում է աստվածներին, աստվածները ենթարկվում են կախարդանքներին (մանթրաներին), իսկ կախարդանքները՝ բրահմաններին, ուստի բրահմաններն են մեր աստվածները»։
Մոգության ու կրոնի արմատական հակադրությամբ է բացատրվում այն անհաշտ թշնամանքը, որով հոգևորականները պատմության ամբողջ ընթացքում վերաբերում էին կախարդներին։ Քահանային չէին կարող չվրդովեցնել կախարդի մեծամիտ ինքնավստահությունը, բարձրագույն ուժերի նկատմամբ նրա ամբարտավանությունը, իրեն հավասար իշխանություն ձեռք բերելու նրա անպատկառ հավակնությունը։ Աստվածային վեհության ակնածալի զգացողությամբ և աստծո հանդեպ հնազանդ երկյուղածությամբ համակված որևէ քրմի համար նման հավակնությունները պետք է որ թվային միայն աստծուն պատկանող առանձնաշնորհի, անբարեպաշտ, աստվածնարգ բռնատիրում։ Այդ թշնամանքի ուժեղացմանը երբեմն նպաստում էին ավելի ստոր մղումներ։ Քուրմը իրեն հռչակում էր միակ իսկական պաշտպանն ու միակ միջնորդը աստծու և մարդու միջև, ու նրա շահերը, ինչպես և զգացումները հաճախ հակասում էին մրցակցի շահերին, ինչպես և զգացումները հաճախ հակասում էին մրցակցի շահերին, որը երջանկության ավելի ճիշտ ու հարթ ճանապարհ էր քարոզում, քան աստվածային ողորմածությանը արժանանալու փշապատ ու սայթաքուն ուղին։
Բայց այս հակամարտությունը, որքան էլ սովորական թվա մեզ, երևան է գալիս կրոնի ավելի ուշ շրջանում։ Ավելի վաղ շրջանում քահանայի ու կախարդի դերերը հաճախ զուգակցվում էին կամ ավելի ճիշտ չէին տարբերվում։ Մարդը հոգիների ու աստծո բարեհաճությանն էր ձգտում աղոթքների ու զոհաբերությունների միջոցով և դրա հետ միասին դիտում էր կախարդանքի և հմայախոսքերի, որոնք կարող էին ցանկացած ազդեցություն ունենալ ինքնին՝ առանց աստծո կամ սատանայի օգնության։ Կարճ ասած, մարդը կրոնական ու կախարդկան ծեսեր էր կատարում, մի շնչով աղոթքներ ու նզովքներ էր մրմնջում, և եթե ցանկացած բոլոր միջոցներով մտադրվում էր հասնել իր նպատակին, ուշադրություն չէր դարձնում իր վարքագծի տեսական անհետևողականության վրա։ Մոգության ու կրոնի ձուլվելու կամ միախառնվելու այսպիսի եղանակների մենք արդեն հանդիպել ենք մելանեզացիների և այլ ազգությունների մոտ։
Քաղաքակրթության ավելի բարձր աստիճանի վրա գտնվող ժողովուրդների մոտ մոգության ու կրոնի խառնվելը պահպանվել է որպես վերապրուկ։ Այն նկատվում էր Հին Հնդկաստանում ու Հին Եգիպտոսում և մինիև օրս էլ դեռ հանդիպում է Եվրոպայի գյուղացիների միջավայրում։ Սանսկրիտի մի մասնագետ հաղորդում է, որ «ամենավաղ շրջանում, որի մասին մենք մանրամասն տեղեկություններ ունենք, զոհաբերության ծեսերը առատ են այնպիսի օրինակներով, որոնցից զգացվում է ամենապարզունակ մոգության շունչը»։ Պրոֆեսոր Մասպերոն, խոսելով Արևելքում, հատկապես Եգիպտոսում, մոգության ունեցած դերի մասին, նշում էր, որ «մենք չպետք է «մոգություն» բառի հետ կապենք այն ստորացուցիչ իմաստը, որը գրեթե անխուսափելիորեն ծագում է ժամանակակից մարդու մտքում։ Բուն կրոնի հիմքում ընկած էր հին մոգությունը։ Աստծու բարեհաճությանը ձգտող հավատացյալին այլևս ոչինչ չէր մնում անել, քան նրան իր բուռը հավաքել՝ ծեսերի, զոհաբերությունների, աղոթքների ու երգասացությունների միջոցով, բաներ, որ նրա համար բացահայտել է ինքը՝ աստվածը, և որոնցով այս վերջինիս ստիպում են անել այն, ինչ նրանցից պահանջվում է»։
Ժամանակակից Եվրոպայի անկիրթ խավերում շարունակում են ուժի մեջ մնալ մոգության ու կրոնի զանազան խառը ձևեր։ Այսպես, մի հաղորդման համաձայն, ֆրանսիայում գյուղացիության մեծ մասը շարունակում է հավատալ, թե հոգևորականը գաղտնի ու անհաղթահարելի իշխանություն ունի բնության տարերքների վրա։ Ծայրահեղ վտանգի դեպքում աղոթքներ կարդալով, որոնք միայն ինքը գիտի և իրավունք ունի ասելու, բայց որոնց արտաբերման համար ինքը հետագայում ստիպված է լինելու մեղքերի թողություն խնդրել, նա կարող է ժամանակավորապես կանգնեցնել կամ ետ շրջել բնության հավերժական օրենքների գործողությունը։ Իբր, նրա կամքին ենթարկվում են քամիները, հողմերը, կարկուտն ու անձրևը։ Նրան ենթակա է նաև կրակի տարերքը․ նրա մի խոսքով մարում է կրակը։ Ֆրանսիայի գյուղացիները հավատացած էին (գուցե մինչև օրս էլ հավատացած են), թե հոգևորականները հատուկ ծեսերով կարող են պատարագ մատուցել Սուրբ հոգուն, որը աստծու կամքի վրա այնպիսի հրաշագործ ազդեցություն է ունենում, որ նրա կողմից երբեք հակազդեցության չի հանդիպում․ աստված ստիպված է շնորհել այն ամենը, ինչ իրենցից պահանջում են, որքան էլ պնդերես ու անշրջահայաց լինի պահանջը։ Մարդիկ, որոնք կյանքի ծայրահեղ իրավիճակներում փորձում էին այս բնույթի ծեսերի միջոցով գրոհով գրավել երկնային արքայությունը, չէին մտածում, որ անհարգալից ու անպարկեշտ են պահում։ Ճերմակազգեստ հոգևորականությունը, որպես կանոն, հրաժարվում էր Սուրբ հոգուն պատարագ մատուցել, բայց կուսակրոնների և հատկապես կնգուղակիր կաթոլիկ վանականների մասին լուրեր են պտտվում, որ նրանք խղճի նվազ խայթոցով են զիջում տառապյալների ու դժբախտների թախանձանքներին։ Աստվածներին այս կամ այն բանը անել ստիպելու ընդունակությունը, որ կաթոլիկական երկրների գյուղացիությունը վերագրում է հոգևորականներին, ամենայն ակներևությամբ ճշգրիտ նմանապատճենումն է այն ընդունակության, որը հին եգիպտացիները վերագրում էին իրենց կախարդներին։
Բերենք մի այլ օրինակ․ Պրովանսի շատ գյուղերում գոյություն ունի այն հավատալիքը, թե քահանան տիրապետում է փոթորիկը կանխելու ընդունակությանը։ Այսպիսի հռչակ բոլոր քահանաներին չէ, որ վերագրվում է, այնպես որ, երբ գյուղի հոգևոր հովիվը փոխվում է, ծխի անդամները փափագում են իմանալ, թե արդյոք նոր քահանան տիրապետո՞ւմ է այդ ունակությանը։ Նրան փորձում են ուժեղ փոթորիկի առաջին իսկ նշանների դեպքում, ստիպում են կախարդել ամպրոպաբեր ամպերը, և եթե արդյունքը արդարացնում է սպասումները, նոր քահանայի հանդեպ հոտի համակրանքն ու հարգանքը ապահովված է։ Ծխական այն համայնքներում, որտեղ այդ առումով ծխական քահանայի օգնականի վարկը քահանայի վարկից բարձր էր համարվում, և դրա հետևանքով նրանց հարաբերությունները բավականին լարվում էին, եպիսկոպոսը երբեմն ստիպված էր քահանային մի այլ ծխական համայնք տեղափոխել։ Գասկոնցի գյուղացիները նաև հավատում են, որ իրենց թշնամիներից վրեժ լուծելու համար չար մարդիկ երբեմն քահանային համոզում են պատարագ մատուցել, որը կոչվում է սուրբ Սեկարիայի պատարագ։ Շատ քչերը գիտեն այդ պատարագը և նրանց երեք քառորդը ոչ մի գնով չեն համաձայնի մատուցել այն։ Միայն չար քահանան կհամաձայնի կատարել այդ նողկալի ծեսը, և կարող եք հավատացած լինել, որ ահեղ դատաստանի օրը նա դրա համար թանկ կվճարի։ Օշ քաղաքի առաջնորդական տեղապահը, եպիսկոպոսը, նույնիսկ արքեպիսկոպոսը իրավունք չունեն թողություն տալ նման մեղքին։ Միայն Հռոմի պապին է պատկանում այդ իրավունքը։ Սուրբ Սեկարիայի պատարագը կարելի է մատուցել միայն ավերակ և լքված եկեղեցում, որտեղ կռնչում են ամեն ինչի հանդեպ անտարբեր բուերը, որտեղ մթնշաղում անաղմուկ թռչում են չղջիկները, որտեղ գիշերելու համար իջևանում են գնչուները, որտեղ սրբապղծված սեղանի տակ թաքնվում են դոդոշները։ Չար քահանան գիշերը իր սիրուհու հետ գալիս է այդտեղ։ Ուղիղ ժամը տասնմեկին նա սկսում է թարս ու շիտակ քրթմնջալ պատարագը և վերջացնում է այն, երբ ժամացույցը չարագուժորեն կեսգիշեր է ազդարարում։ Քահանային օգնում է նրա սիրուհին։ Վերջինս, որին նա օրհնում է, սև է և եռանկյուն ձև ունի։ Օրհնված գինի ճաշակելու փոխարեն, քահանան խմում է այն ջրհորի ջուրը, որի մեջ գցված է եղել չմկրտված նորածին երեխայի մարմինը։ Նա գետնին խաչի նշան է գծում, այն էլ՝ ձախ ոտքով։ Նա էլի շատ բաներ է անում, որոնց վրա ոչ մի բարի քրիստոնյա նույնիսկ չէր կարող նայել՝ առանց մինչև կյանքի վերջը կույր, խուլ և համր մնալու։ Իսկ նա, որի հոգուն միտված է այս պատարագը, կամաց֊կամաց չորանում է։ Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է պատահել նրան։ Նույնիսկ բժիշկները ոչինչ չեն կարողանում հասկանալ։ Նրանք գլխի էլ չեն ընկնում, որ նրան դանդաղորեն սպանում է սուրբ Սեկարիայի պատարագը։
Մոգության ու կրոնի միահյուսումն ու միացումը տարբեր դարաշրջաններում հանդիպում է շատ ժողովուրդների մոտ։ Բայց հիմքեր կան ենթադրելու, որ այդպիսի միահյուսումը նախասկզբնական չէ, և եղել է ժամանակ, երբ անասնական տռփանքների սահմաններից դուրս գտնվող ցանկությունները բավարարելու համար մարդու միմիայն հենվել է մոգության վրա։ Նախ՝ մոգության ու կրոնի ամենահիմնական հասկացություններըքննարկելով, կարող ենք հանգել այն ենթադրությանը, որ մարդկության պատմության մեջ մոգությունը ավելի հին է, քան կրոնը։ Մենք համոզվեցինք, որ մոգությունը ավելին չէ, քան մտավոր ամենահասարակ գործողությունների սխալ կիրառում, այն է՝ գաղափարների զուգորդում ըստ նմանության և գաղափարների զուգորդում ըստ հարակցության։ Իսկ կրոնը ենթադրում է բնության առերևույթ վարագույրի հետևում մարդուց վեր կանգնած գիտակից կամ անհատ ուժերի գործողություններ։ Անձնավոր գործակալների գոյությունը ենթադրելը ավելի բարդ է, քան գաղափարների նմանության ու հարակցության պարզ ընդունումը, իսկ այն տեսությունը, որը բնության երևույթները գտնվում են բազմաթիվ անտեսանելի կենդանիների կամ տեսանելի աշխարհի սահմաններից դուրս գտնվող մի հսկայական, արտակարգ ուժեղ կենդանու իշխանության տակ։ Հավանաբար անարդարացի չենք լինի անլեզու արարածների նկատմամբ, եթե կրոնական վարդապետության գյուտի պատիվը թողնենք մարդկային բանականությանը։ Եթե մոգությունը անմիջականորեն բխեցվում է մտածողության պարզունակ պրոցեսներից, և, ըստ էության, մի սխալ է, որի մեջ մարդու միտքը գրեթե ինքնաբերաբար է ընկնում, ապա կրոնը հենվում է այնպիսի հասկացությունների վրա, որոնք հազիվ թե հասու լինեն կենդանու մտքին։ Այս հիման վրա կարելի է ենթադրել, որ մարդկային մտքի բնաշրջության ընթացքում մոգությունը ծագել է կրոնից առաջ, որ մարդը ձգտել է կախարդանքների ու նզովքների ուժով բնությունը ենթարկել իր ցանկություններին՝ ինքնամփոփ, քմահաճ ու ցասումնալի աստծուն քնքուշ, գողտրիկ աղոթքներով և զոհաբերություններով բարեգութ ու մեղմաբարո դարձնելու փորձեր նախաձեռնելուց առաջ։
Այս հետևությունը, որին հանգեցինք մոգության ու կրոնի հիմնարար գաղափարները դեդուկտիվ ճանապարհով քննարկելով, ինդուկտիվ հաստատում է գտնում․ օրինակ, Ավստրալիայի բնիկները, որոնք մեզ հայտնի վայրենի ցեղերից ամենահետամնացն են, ամենուրեք դիմում են մոգության, այն դեպքում, երբ կրոնը՝ բարձրագույն ուժերը գթասիրտ դարձնելու և խաղաղեցնելու իմաստով, նրանց հայտնի չէ։ Ավելի պարզ ասած, ամեն ավստրալացի մոգ է, և նրանցից ոչ մեկը քուրմ չէ, ամեն մեկը երևակայում է, թե համակրական մոգության միջոցով կարող է ազդեցություն գործել ցեղակիցների և բնության երևույթների ընթացքի վրա, բայց ոչ ոքի մտքով չի անցնում աղոթքների ու զոհաբերությունների մոջոցով խաղաղեցնել աստվածներին։
Եթե մարդկային հասարակություններից այս ամենահետամնացի մեջ, կրոնի լիակատար բացակայությամբ հանդերձ, տեսնում ենք մոգության այսքան ակնհայտ կիրառում, ապա տրամաբանական չէ՞ արդյոք ենթադրել, որ աշխարհի բոլոր քաղաքակիրթ ժողովուրդները իրենց պատմության ինչ֊որ շրջանում անցել են մտավոր զարգացման նման փուլ, որ նվերների ու աղոթքների միջոցով աստվածների ողորմածությունը շահելու մասին մտածելուց առաջ, նրանք նաև փորձել են բնության մեծագույն տարերքներին ստիպել կատարել իրենց ցանկությունները։ Կարճ ասած, ամբողջ մարդկությունը չի՞ անցել արդյոք մոգության դարաշրջանով այնպես, ինչպես նյութական մշակույթի բնագավառում՝ քարի դարով։ Այս հարցին դրական ատասխան տալու համար անրակշիռ ապացույցներ կան։ Գրենլանդիայից մինչև Հրո երկիր և Շոտլանդիայից մինչև Սինգապուր զննելով մարդկության բնակության գոտին, մենք նկատում ենք, որ կրոնական հայացքներով բաժանվում են ոչ միայն ժողովուրդներն ու ռասաները։ Դրանք մարդկանց վրա իրենց ազդեցությունն են գործում նաև սոցիալական ավելի փոքր միավորների, օրինակ՝ պետությունների ու հանրապետությունների մակարդակով։ Ավելին, դրանք մասնատում են քաղաքներ, գյուղեր և նույնիսկ ընտանիքներ։ Աշխարհի բոլոր հասարակությունների մակերևույթը ակոսված ու կտրտված է ծերպերով ու բացերախ ճեղքերով, որոնք գոյացել են կրոնական գժտությունների հետևանքով։ Բայց եթե դուրս գանք կրոնական համակրարգերի տարբերությունների սահմաններից, որոնք հիմնականում շոշափում են հասարակության մտավոր, խորհող խավը, ապա հավատի հարցում լիակատար ներդաշնակություն կտեսնենք հիմար, թույլ, տգետ և սնահավատ մարդկանց մեջ, որոնք, ցավոք, մարդկային ցեղի հսկայական մեծամասնությունն են կազմում։ Այս հիրավի համընդհանուր, տիեզերական հավատը մոգության ներգործության հավատն է։ Այն դեպքում, երբ կրոնական համակարգերը տարբերվում են ոչ միայն տարբեր երկրներում, այլև նույն երկրում․ տարբեր դարաշրջաններում համակրական մոգությունը միշտ և ամենուրեք իր տեսությամբ ու կիրարկմամբ մնում է միատեսակ։ Ժամանակակից Եվրոպայի տգետ ու սնահավատ խավերում մոգության համակարգը շատ բանով նույնն է, ինչ որ հազարամյակներ առաջ գոյություն է ունեցել Հնդկաստանում ու Եգիպոսում, և մինչև օրս շարունակում է գոյություն ունենալ աշխարհի հեռավոր անկյուններում պահպանված ամենավայրի ցեղերի մեջ։ Եթե ճշմարտության չափանիշը թվական գերակշռությունը համարենք, ապա մոգությունը կաթոլիկ եկեղեցուց ավելի շատ իրավունք ունի իր դրոշի վրա գրելու «Quod semper, quod ubique, quod ab omnibus»<ref>Միշտ, ամենուրեք, բոլորի կողմից [ընդունելի] (լատ․)։</ref>։
Մեր խնդրի մեջ չի մտնում այն բանի քննարկումը, թե մարդկության ապագայի վրա ինչ ազդեցություն է գործում ամեն մի հասարակության կյանքում առկա վայրենության խոր շերտը, որին չեն կպչում կրոնի ու մշակույթի մակերեսային փոփոխությունները։ Թափանցելով մոգության խորքերը, անաչառ հետազոտողը նրա մեջ այլ բան չի տեսնում, քան քաղաքակրթությանը մշտապես սպառնացող վտանգ։ Մենք, ինչպես երևում է, շարժվում ենք բարակ կեղևի վրայով, որը ստորերկրյա նիրհող ուժերի ազդեցությամբ ամեն վայրկյան կարող է ճեղքվել։ Ժամանակ առ ժամանակ լսվող խուլ թնդյունը կամ անսպասելիորեն մակերևույթ դուրս պրծած բոցի լեզուն ցույց են տալիս, թե ինչ է կատարվում ոտքերի տակ։ Ժամանակ առ ժամանակ մարդկության կրթյալ մասին ապշեցնում են լրագրային հաղորդումները, որոնցում պատմվում է, թե Շոտլանդիայում գտել են ասեղներով ծածկված խրտվիլակ, որը պատրաստված է եղել անտանելի կալվածատիրոջը կամ քահանային սպանելու համար, թե Իռլանդիայում դանդաղ կրակի վրա խորովել են կախարդության մեջ մեղադրված կնոջ, թե Ռուսաստանում մարդու ճարպից մոմեր պատրաստելու համար, որոնց լույսի տակ գողերը հույս ունեն աննկատ կատարել իրենց գիշերային գործերը, սպանել ու կտոր֊կտոր են արել մի աղջկա և մարմինը օգտագործել են մոմեր պատրաստելու համար։ Արդյոք գերակշռում են ա՞յն ազդեցությունները, որոնք նպաստում են առաջադիմությանը, թե՞ նրանք, որ սպառնում են ավերել այն ամենը, ինչ ձեռք է բերվել։ Արդյոք ավելի ուժեղ կլինի փոքրամասնության մղումնային եռա՞նդը, որը մարդկությանը դեպի նորանոր բարձունքներ է տանում, թե՞ մեծամասնության նախապաշարմունքների մեռյալ բեռը, որը նրան խավարի մեջ է ընկղմում։ Այս հարցերը մտնում են իմաստունի, բարոյախոսի և պետական գործչի իրվասության մեջ, որոնց արծվային հայացքը թափանցում է ապագայի խորքը, և ոչ թե մարդկության անցյալն ու ներկան ուսումնասիրող համեստ գիտնականի իրավասության մեջ։ Մեծ հետաքրքրում է այլ հարց․ կրոնական ուսմունքների անսահման բազմազանության ու հարընթացության համեմատությամբ՝ մոգության հավաի միակերպությունը, համընդհանրությունը և կայունությունը որքանո՞վ են հիմք տալիս ենթադրելու, որ վերջինս մարդկային մտքի զարգացման ավելի կոպիտ ու վաղ փուլն է, որով կրոնի ու գիտության ճանապարհին անցել են (կամ անցնում են) բոլոր ռասաները։
Եթե ենթադրենք, որ մոգության դարաշրջանը ամենուրեք նախորդել է կրոնի դարաշրջանին, ապա, բնականաբար, պետք է քննարկել այն պատճառները, որոնք մարդկությանը (կամ նրա մի մասը) դրդել են թողնել տեսական ու գործնական մոգությունը և անցնել կրոնին։ Եթե հաշվի առնենք բացատրության ենթակա փաստերի քանակը, բազմազանությունն ու բարդությունը և մեր տեղեկությունների աղքատությունը, ապա հազիվ թե կարելի է հուսալ, որ այսչափ խորը մի պրոբլեմ միանգամայն բավարար լուծում ստանա։ Ամենաշատը, որին կարելի է հասնել մեր գիտության ներկա վիճակում, դա ավել կամ պակաս ճշմարտանման վարկածի առաջքաշումն է։ Ամենապատշաճ համեստությամբ ես կառաջարկեի հետևյալ վարկածը․ մոգությանը բնորոշ կեղծության և ապարդյունության ընդունումը մարդկության մտածող մասին դրդել է զբաղվել բնության երևույթների ավելի ճշմարտացի տեսության և բնական ռեսուրսների օգտագործման ավելի արդյունավետ մեթոդի որոնումներով։ Ժամանակի ընթացքում խորաթափանց մարդիկ պետք է որ նկատած լինեին, որ իրականում կախարդական ծեսերն ու հմայությունները ակնկալած արդյունքները չեն տալիս։ Մոգական արարողությունների անզորության մեծագույն հայտնագործությունն է հավանաբար արմատական, թեև դանդաղ, հեղաշրջում կատարել այն մարդկանց ուղեղներում, որոնց խելամտությունը բավարար է, որ այդ հայտնագործությունը կատարվի։ Այդ գյուտը հանգեցրեց նրան, որ մարդիկ առաջին անգամ ընդունեցին, որ անընդունակ են իրենց քմահաճությամբ աճպարարություն անել բնության ուժերով, որոնք մինչ այդ համարում էին ամբողջովին իրենց իշխանության տակ։ Դա սեփական տգիտության ու թուլության ընդունումն էր։ Մարդիկ տեսան, որ որպես պատճառ են ընդունել այն, որն այդպիսին չէ, դրա համար էլ այդ երևակայական պատճառների միջոցով գործելու իրենց բոլոր ջանքերը ապարդյուն էին։ Տառապալից աշխատանքը ծախսվում էր իզուր, քննախույզ հնարամտությունը վատնում էր աննպատակ։ Մարդիկ ձգում էին թելեր, որոնցից ոչինչ կապված չէր։ Նրանց թվում էր, թե իրենք ուղիղ գտնում են դեպի նպատակը, մինչդեռ իրականում նրանք դոփում էին տեղում։ Բնության այն երևույթները, որոնք մարդիկ ջանում էին առաջացնել կախարդանքի միջոցով, տեղի էին ունենում, բայց դա կատարվում էր առանց մարդու միջամտության․ անձրևը դարձյալ տեղում էր պապակ հողի վրա, արևը նույն կերպ էր կատարում իր ցերեկային, իսկ լուսինը՝ գիշերային շրջապտույտը, տարվա ժամանակների համար հոլովույթը միշտ նույն կերպ, ցանկացած եղանակին ընթանում էր երկրագնդի վրա։ Առաջվա նման մարդիկ ծնվում էին աշխատելու և տառապելու համար, առաջվա նման, երկրում կարճ ժամանակ մնալուց հետո, նրանք հավիտենապես հեռանում էին նախահայրերի մոտ՝ երկնային օթևանը։ Ամեն ինչ ընթանում էր սովորական հունով, բայց ում աչքից ընկել էր քողը, այդ ամենը նրան այժմ այլ կերպ էր երևում։ Նա այլևս չէր կարող իրեն մխիթարել այն հաճելի պատրանքով, թե ղեկավարում է երկրի ու երկնքի շարժումները, թե բավական է ինքը ղեկանիվից հետ քաշի իր թույլ ձեռքը, և լուսատուները կդադարեցնեն իրենց վիթխարի շրջապտույտը։ Իր թշնամիների ու բարեկամների մահվան մեջ նա այլևս չէր տեսնում իր կամ թշնամու կախարդանքների անհաղթահարելի ուժի ապացույցը։ Հիմա նա գիտեր, որ ինչպես բարեկամները, այնպես էլ թշնամիները զոհ են գնացել ավելի հզոր ուժի, քան այն, որով օժտված է ինքը, նրանք ենթարկվել են ճակատագրին, որի հանդեպ ինքն էլ է անզոր։
Եվ այսպես, մեր պարզունակ փիլիսոփան, պոկվելով խարսխի նախկին շղթաներից, քշվելով կասկածանքների ու անորոշության փոթորկուն ծովում, իր անձի և ուժերի նկատմամբ ունեցած նախկին հավատի և հավասարակշռությունը կորցներ, մինչև որ փոթորկալի ճամփորդությունից հետո խաղաղ նավահանգիստ վերադարձած նավի նման կանգ առներ հավատի ու գործողության նոր համակարգի վրա, որը փարատեց նրա տագնապալի կասկածները, նրան տալով բնության նկատմամբ այն գերագույն իշխանությանը փոխարինող (թեև ոչ հաստատուն) մի իշխանություն, որից նա ստիպված էր հրաժարվել։ Եթե ամբողջ վիթխարի աշխարհը առանց իր և իր նմանների օգնության շարունակում էր շարժվել իր ընթացքով, ապա դա, իհարկե, տեղի էր ունենում այն պատճառով, որ կային իր նման, բայց ավելի հզոր էակներ, որոնք անտեսանելի լինելով՝ ուղղություն էին տալիս բնության ընթացքին և ծնվում էին երևույթների բազմապիսի շարքեր, որոնք մարդը մինչ այդ կախման մեջ էր դնում իր կողմից կատարվող կախարդական ծեսերից։ Այժմ նա արդեն հասկացել էր, որ այդ բարձրագույն էակներն էին ստիպում ալեկոծության քամուն փչել, շանթին՝ փայլատակել, ամպրոպին՝ որոտալ։ Նրանք էին դրել երկնային հաստատության հիմքը և կանխորոշել անհանգիստ ծովի սահմանները։ Այդ նրանք էին, որ երկնային փառավոր լուսատուներին ստիպում էին փայլել, կեր էին տալիս երկնքի հավքերին և որս՝ անապատի վայրի գազաններին, արգասաբեր հողին հրամայում էին առատ բերք տալ, բարձր բլուրներին՝ ծածկվել անտառներով, կարկաչուն աղբյուրներին՝ հովիտներում բխել ժայռերի տակից, իսկ կանաչ արոտավայրերին՝ փռվել խաղաղ ջրերի ափերին։ Այդ նրանք էին մարդու մեջ կյանքի շունչ ներարկել և նրանք բաժին դարձրել սով, ժանտախտ, պատերազմ։ Մարդն այժմ այդ գերագույն էակներին էր դիմում՝ նվաստացած ընդունելով իր կախվածությունը նրանց անտեսանելի ուժից, թախանձելով իրեն շնորհել ամենայն բարիք, թախանձելով պաշտպանել վտանգներից, որոնցով ամեն կողմից շրջապատված է մահկանացուի կյանքը, մարմնական բեռից ազատագրված նրա անմահ հոգին տանել երջանիկ աշխարհ, ցավի ու տագնապների համար անտեսանելի աշխարհ, որտեղ նա բարեպաշտ այլ մարդկանց հոգիների հետ կկարողանա հավիտենապես հանգստանալ երանության և ուրախության մեջ։
Կարելի է ենթադրել, որ ամենախորաթափանց մարդիկ այսպես, կամ մոտավորապես այսպես էին կատարել մեծ անցումը՝ կախարդանքից դեպի կրոն։ Բայց նույնիսկ նրանց մեջ նման փոփոխությունը չէր կարող հանկարծակի տեղի ունենալ։ Հավանաբար այն կատարվում էր խիստ աստիճանաբար և քիչ թե շատ լրիվ ավարտվելու համար բազում տարիներ էին պահանջվել։ Բնության երևույթների վրա էական ազդեցություն գործելու անզորությունը ընդունելը պետք է որ տեղի ունենար աստիճանաբար։ Նա չէր կարող միանգամից, մեկ հարվածով հրաժարվել իր երևակայական տիրապետությունից։ Քայլ առ քայլ էր մարդը ձերբազատվում բարձրամտությունից, ափսոսանքի թառանչով էր թիզ առ թիզ զիջում իր դիրքերը։ Մեկ նա խոստովանում էր, որ անընդունակ է իր կամքին ենթարկել քամուն, մեկ՝ անձրևին, մեկ՝ արևին, մեկ՝ ամպրոպին։ Բնության տարերքները մեկը մյուսի հետևից դուրս էին գալիս նրա ազդեցության ոլորտից, մինչև որ այն, ինչև մի ժամանակ թագավորություն էր թվում, նեղացավ բանտի չափ։ Մարդը հետզհետե ավելի էր համակվում իր անզորության զգացումով և իրեն շրջապատող անտեսանելի էակների հզորության գիտակցումով։ Կրոնը սկսվում է վերանձնյա էակների գոյության թույլ, մակերեսային ընդունումից, բայց գիտելիքներ կուտակելով, մարդը հանգում է աստվածային էությունից իր լրիվ ու բացարձակ կախումն ընդունելուն։ Աստծո հետ նրա նախկին անկաշկանդ վարվելակերպը փոխարինվում է խորհրդավոր, անտեսանելի ուժերի հանդեպ ամենախոր, հուսակտուր անզորության, և դրանց կամքին ենթարկվելը դառնում է մեծագույն առաքինություն։ In la sua
volontate e nostra pace<ref>Մեր անդորրը կախված է նրա կամքից (իտալ․)։</ref>։ Բայց կրոնական զգացումի այս խորացումը և բոլոր հարցերում աստվածային կամքին հետզհետե ավելի ենթարկվելը վերաբերում է միայն մեծ խելքի տեր մարդկանց, որոնց մտահորիզոնը բավականին լայն է հասու լինելու համար աշխարհի վիթխարիությանը և նրա մեջ մարդու տեղի աննշանությանը։ Իսկ կարճ խելքի տեր մարդիկ ի վիճակի չեն հասու լինել մեծ գաղափարների․ նրանց թույլ տեսողությունը իրենցից բացի ոչինչ իրոք մեծ ու կարևոր չի տեսնում։ Նրանք ընդհանրապես չեն էլ բարձրանում կրոնական հայացքների աստիճանի։ Ճիշտ է, նրանց ուսուցանում են կրոնի պատվիրանները արտաքնապես պահպանել և կրոնական ուսմունքներ քարոզել, բայց հոգու խորքում նրանք կառչում են հին կախարդական սնոտիապաշտություններից, որոնք կրոնը կարող են մերժել ու դատապարտել, բայց անզոր են արմատախիլ անել, որովհետև իրենց արմատներով դրանք խորանում են մարդկային ցեղի վիթխարի մեծամասնության հոգեկան (մենտալ) կերտվածքի մեջ։
Կարող է ընթերցողի մեջ ցանկություն առաջանալ հարցնելու, թե «խելացի մարդիկ ինչո՞ւ չէին կարող ավելի վաղ բացահայտել մոգության սխալականությունը։ Նրանք ինչպե՞ս կարող էին փայփայել պատրանքներ, որոնք հիասթափություն էին պատճառում։ Ինչո՞ւ էին նրանք համառորեն ներկայացնում դարերով սրբագործված մնջախաղեր, քրթմնջում հանդիսավոր տխմարություններ, որոնք ոչ մի օգուտ չէին տալիս։ Ինչո՞ւ էին նրանք կառչում հավատալիքներից, որոնք այնքան բացահայտորեն հակասում էին կենսափորձին։ Ինչպե՞ս էին նրանք համարձակվում կրկնել այն փորձերը, որոնք այնքան հաճախ էին ավարտվում անհաջողությամբ»։ Բանն այն է, որ այստեղ բնավ էլ դյուրին չէր սխալը հայտնաբերելը, անհաջողությունը երբեք էլ ակնբախ չէր, որովհետև շատ դեպքերում, հնարավոր է անգամ մեծ մասամբ, ցանկալի իրադարձությունը կյանքի կոչելու նպատակով կատարվող ծեսերից որոշ ժամանակ հետո այն իրոք տեղի էր ունենում։ Արտակարգ խորաթափանց միտք էր հարկավոր հասկանալու համար, որ նա կատարվելու պատճառը անպայման ծեսը չէր։ Քամի կամ անձրև առաջացնելու կամ թշնամուն մահի բաժին դարձնելու նպատակով կատարվող ծեսերին վաղ թե ուշ միշտ հետևում էր ցանկալի իրադարձությունը, և նախնադարյան մարդուն կարելի էր ներել, որ նա այդ իրադարձությունը համարում էր ծեսի անմիջական հետևանք և նրա արդյունավետության լավագույն ապացույց։ Ճիշտ այդպես էլ այն ծեսերը, որոնք կատարվում էին առավոտյան, որպեսզի արևին օգնեն ծագելու, և գարնանը, որպես ձմռան քնից արթնացնեն նիրհող հողը, առնվազն՝ չափավոր կլիմայով գոտի․ ներում, անխուսափելիորեն հաջողությամբ էին պսակվելու։ Չէ որ այդ գոտիներում ամեն առավոտ արեգակը վառում է իր ոսկե ջահը արևելքում, իսկ հողը տարեցտարի կանաչ ճախ զգեստ է հագնում։ Այդ պատճառով էլ գործնական վայրենին իր պահպանողական բնազդներով կարող էր չանսալ արմատական փիլիսոփայի խոսքերին, որն իրեն թույլ էր տվել ակնարկելու, որ, վերջիվերջո, արևի ծագելը և գարնան գալը կարող են ամենօրյա, կամ ամենամյա ծեսերը ճշգրտորեն կատարելու անմիջական հետևանքը չլիներ, և որ հնարավոր է, որ առանց ծիսակատարությունների էլ արևը ծագի և ծառերը ծաղկեն։ Բնական է, որ այս կասկածելի ենթադրությունները ցեղակիցների կողմից վրդովմունքով ու արհամարհանքով մերժվեին որպես սին պատրանքներ, որոնք կործանարար էին հավատի համար և ապշեցուցիչ կերպով հակասում էին փորձին։ «Ի՞նչը կարող է ավելի հասկանալի լինել,― պատասխանում էին նրան,― քան այն, որ արևը երկնքում վառում է իր վիթխարի կրակը, որովհետև ես գետնի վրա երկու պենսանոց մոմ եմ վառում։ Իսկ երբ գարնանը ես իմ կանաչ զգեստն եմ հագնում, ինչպե՞ս կարող են ծառերը նույնը չանել։ Սրանք բոլորին հայտնի փաստեր են, և ես դրանց վրա եմ հենվում։ Ես պարզապես գործնական մարդ եմ և ոչ թե ձեզ նման տեսաբան, լու որսացող ու խրատամոլ։ Հավանաբար, տեսություններն ու շահարկումները ինքնըստինքյան վատ բան չեն, և ես նվազագույնս չեմ առարկում, որ դուք անձնատուր լինեք դրան, բայց թույլ տվեք ինձ հետևել փաստերին, այդ ժամանակ, համենայն դեպս կիմանամ, թե ո՞ր աշխարհում եմ գտնվում»։ Այս դատողության սխալականությունը մեզ համար ակնհայտ է, որովհետև այն հիմնված է այնպիսի փաստերի վրա, որոնց կեղծ լինելու մասին մենք վաղուց ի վեր կասկած չունենք, բայց եթե նման փաստերը առաջ են քաշվում քննարկվող հարցերի կապակցությամբ, ապա անգլիական լսարանը արդյո՞ք ծափահարություններով չի ընդունի դրանք և նրա հեղինակին արդյոք չի՞ համարի զգույշ, գուցե և ոչ փայլուն և ոչ տպավորիչ, բայց միանգամայն ողջամիտ և գործնական մարդ։ Եթե նման փաստարկները մեր հասարակության մեջ խելամիտ են համարվում, ապա արժե՞ արդյոք զարմանալ, որ վայրենուն երկար ժամանակ չէր հաջողվում բացահայտել դրանց կեղծությունը։
=Եղանակի մոգական վերահսկումը=
==Կախարդը ծառայում է հասարակությանը==
Հավանաբար ընթերցողը հիշում է, որ մեզ մոգության լաբիրինթոս բերեց աստվածամարդու երկու տեսակների քննարկումը։ Այդ թելն էր ուղղություն տալիս մեր քայլերին և, վերջապես, մեզ հասցրեց մի բարձունքի, որտեղից մենք կարող ենք, փոքր ինչ կանգ առնելով՝ հետադարձ հայացք գցել անցած ուղուն և մեր առջև տեսնել երկար ու զառիվեր մի ճանապարհ, որով մենք դեռ պետք է վեր բարձրանանք։
Նախորդածից հետևում է, որ կարելի է տարբերել աստվածամարդու երկու տեսակ՝ կրոնական և մոգական։ Առաջին դեպքում ենթադրվում է, որ բարձրագույն կարգի էակը մարդու մեջ մտնում է քիչ թե շատ տևական ժամկետով և իր գերբնական հզորությունն ու իմաստությունը դրսևորում է հրաշքներ գործելու և մարգարեություններ ասելու միջոցով։ Այս տիպի աստվածամարդուն շատ հարմար է ոգեշնչված և մարմնավորված անվանումը, այս դեպքում մարդկային մարմինը լոկ միայն փխրուն կավե անոթ է՝ աստվածային անմահ ոգով առլեցուն։ Երկրորդ դեպքում աստվածամարդ մոգը ավելին չէ, քան մարդ, բայց արտասովոր ուժի տեր մարդ։ Նրա ցեղակիցների մեծ մասը հավակնում է գեթ նվազ չափով տիրանալ նման ուժի։ Չէ որ նախնադարյան հասարակության մեջ հազիվ թե գտնվեր մի մարդ, որը ազատ ժամանակ չզբաղվեր մոգությամբ։ Այն դեպքում, երբ առաջին՝ աստվածաոգեշունչ տիպի աստվածամարդիկ իրենց աստվածայնությունը առնում են աստվածությունից, որը բարեհաճել է իջնել այն աստիճան, որ իր երկնային փայլը թաքցնի հողեղեն էակի անշուք կերպարանքի տակ, երկրորդ տիպի աստվածամարդը իր արտասովոր ուժը քաղում է բնության հետ ինչ֊որ ֆիզիկական ընդհանրությունից։ Նա աստվածային ոգու հասարակ զետեղարան չէ։ Նրա ողջ էությունը՝ թե մարմինը, թե հոգին, այնքան լավ է ներդաշնակված բնությանը, որ նրա ձեռքի հպումը կամ գլխի շարժումը աշխարհի ողջ նյութեղեն կերտվածքին ստիպում է թրթռալ։ Եվ, ընդհակառակը, նրա աստվածային մարմինը զգայունություն է դրսևորում իրադրության այնպիսի աննշան փոփոխությունների նկատմամբ, որոնք բնավ ոչ մի կերպ չէին անդրադառնա հասարակ մահկանացուի վրա։ Բայց տեսության մեջ ինչպիսի հստակ սահմանազատիչ գիծ էլ որ անցկացնելու լինենք աստվածամարդկանց այս երկու տիպերի միջև, իրականում այն հազվադեպ է դրսևորվում ամբողջ որոշակիությամբ։ Հետագա շարադրանքում ես չեմ պնդի դա։
Ինչպես արդեն ասվեց, գործնականում մոգության արվեստը կարող է օգտագործվել կամ անհատների, կամ ամբողջ հասարակության բարօրության համար, և նայած թե ինչին է ուղղված այն՝ առաջի՞ն, թե՞ երկրորդ նպատակի իրականացմանը, մոգությունը կոչվում է մասնավոր կամ հանրային։ Այնուհետև, մենք նշել ենք, որ այն մոգը, որը բավարարում է հասարակական պահանջմունքները, շատ ազդեցիկ դիրք է գրավում հասարակության մեջ և, բացի այդ, եթե նա ընդունակ ու հաշվենկատ մարդ է, ապա կարող է հասնել առաջնորդի կամ թագավորի աստիճանի։ Հանրային մոգության վերլուծությունը այսպես է հանգեցնում թագավորական իշխանության վաղ ձևերի ըմբռնմանը, քանի որ վայրենի ու բարբարոս հասարակության մեջ շատ առաջնորդներ ու թագավորներ իրենց իշխանության համար հսկայական չափով պարտական են մոգի համբավ ունենալուն։
Հասարակության տեսակետով, ամենագլխավորը, որի համար պետք է օգտագործվի մոգությունը, սննդի բավարար պաշար ստեղծելն է։ Վերը բերված օրինակները ցույց են տալիս, որ բոլոր սնունդ հայթայթողները (որսորդները, ձկնորսները, հողագործները) դիմում են մոգությանը։ Բայց այստեղ նրանք վարվում են ոչ թե իբրև պաշտոնական անձինք՝ հօգուտ ամբողջ ժողովրդի, այլ որպես մասնավոր անձինք՝ իրենց սեփական օգուտի համար և ի բարօրություն իրենց ընտանիքների։ Այլ բան է, երբ ծեսերը կատարում են ոչ թե իրենք՝ որսորդները, ձկնորսներն ու հողագործները, այլ մասնագիտացած կախարդները՝ ցեղակիցների անունից։ Նախնադարյան հասարակության մեջ, որտեղ իշխում է զբաղմունքների միասեռությունը, և որտեղ մասնագիտական խմբերի բաժանումը հազիվ է նկատվում, ամեն մարդ, ավել կամ պակաս չափով, իր օգտին զբաղվում է մոգությամբ և կախարդանքներն ու հմայախոսությունները օգտագործում հօգուտ իր բարօրության և ի վնաս իր թշնամիների։ Առաջընթաց մեծ քայլ կատարվեց այն ժամանակ, երբ կախարդները առանձնացան՝ կազմելով հատուկ դաս, այսինքն, երբ նրանք իրենց մնացած ցեղակիցներից զատվեցին, որպեսզի իրենց արվեստով, անկախ նրանից, թե այս ուղղված է հիվանդությունները բուժելուն, թե հասարակության համար նշանակալից մի այլ նպատակի, օգուտ բերեն ամբողջ հասարակությանը։ Իրենց նպատակին հասնելու համար այդ զբաղմունքի ներկայացուցիչների մեծ մասի կողմից կիրառվող միջոցների ոչ պիտանի լինելը մեր աչքում չպետք է նսեմացնի այդ հաստատության հսկայական նշանակությունը։ Ընդ որում մարդկանց մի նշանակալից խումբ՝ գոնե վայրենության բարձրագույն աստիճանին, ազատվեց ֆիզիկական ծանր աշխատանքով իր ապրուստը հոգալու անհրաժեշտությունից և հնարավորություն (նույնիսկ ազդակ) ստացավ ուսումնասիրելու բնության գաղտնիքները։ Այս զբաղմունքի տեր մարդկանց իրավունքը և միաժամանակ պարտականությունն էր ավելի շատ բան իմանալ, քան ցեղակիցները, ծանոթանալ այն ամենին, ինչը կարող է մարդուն օգնել բնության դեմ մղվող ուժասպառող պայքարում, թեթևացնել նրա տառապանքներն ու երկարակյաց դարձնել նրան։ Դեղաբույսերի ու հանքատեսակների հատկանիշները, տեղումների և երաշտի, ամպրոպի ու կայծակի պատճառները, տարվա եղանակների փոփոխվելը, լուսնի փուլերը, արևի օրական և տարեկան շրջապտույտը, աստղերի շարժվելը, կանքի ու մահվան առեղծվածները՝ ահա այն բաները, որ զարմացնում էին առաջին մոգ֊փիլիսոփաներին և նրանց դրդում որոնելու այն պրոբլեմների լուծումը, որոնք, անկասկած, հաճախ նրանց ուշադրությունը գրավում էին դիմողների համառ պահանջների բերումով։ Վերջիններս նրանցից ակնկալում էին ոչ միայն բնության մեծագույն երևույթների ըմբռնում, այլև դրանց կառավարում՝ ի բարօրություն մարդկանց։
Իհարկե, անհնար է առաջին իսկ կրակոցով այդ նշանակետին խփել։ Ճշմարտությանը մոտենալու դանդաղ, անվերջանալի պրոցեսի էությունը մշտապես վարկածներ առաջ քաշելն է և դրանք ստուգելը։ Դրանցից բոլոր մնացածները մերժվում են։ Կասկած չկա, որ բնական պատճառականության պատկերացումները, որոնցով գործում էր կախարդը, մեզ ակնհայտորեն կեղծ ու անհեթեթ կթվան, բայց այն ժամանակ դրանք արդարացված վարկածներ էին, թեպետ չդիմացան փորձով ստուգմանը։ Ծաղրն ու կշտամբանքները ըստ արժանվույն բաժին են ընկնում ոչ թե նրանց, ովքեր հնարել են այդ տեսությունները, այլ նրանց, ովքեր առավել արդարացված վարկածների առաջադրումից հետո էլ համառորեն շարունակում էին հետևել դրանց։ Ճշմարտության որոնումներում մարդիկ, անշուշտ, երբեք ավելի ուժեղ խթանիչ շարժառիթներ չեն ունեցել, քան այդ նախնադարյան կախարդները։ Նրանց համար բացարձակապես անհրաժեշտ էր ստեղծել գոնե իմացության երևութականություն։ Չէ որ բացահայտված ամեն մի սխալը կարող էր նրանց կյանքն արժենալ։ Այս հանգամանքը, անկասկած, նրանց ստիպում էր իրենց տգիտությունը թաքցնելու համար խաբեության դիմել բայց միևնույն ժամանակ դա կեղծ գիտելիքները սկականով փոխարինելու հզորագույն խթան էր տալիս նրանց։ Չէ որ, եթե ցանկանում եք ուրիշի մոտ այն տպավորությունն ստեղծել, թե ինչ֊որ բան գիտեք, ապա ամենից լավ է այն իրոք իմանաք։ Այնպես որ, ինչքան էլ մենք մերժենք կախարդների չափից ավելի հավակնությունները, ինչքան էլ նրանց դատապարտենք մարդկանց մոլորության մեջ գցելու համար, այդ դասի կազմավորումը իր նախնական տեքսով անհամար բարիքներ է բերել մարդկությանը։ Կախարդները ոչ միայն ժամանակակից բժիշկների ու վիրաբույժների, այլև բնական գիտությունների բոլոր ճյուղերի ժամանակակից հետազոտողների ու ռահվիրաների անմիջական նախորդներն էին։ Կախարդներն են սկիզբ դրել այն պրոցեսին, որը ավելի ուշ շրջանում նրանց հետևորներին հասցրեց այնքան փառավոր ու օգտակար հայտնագործությունների։ Եվ եթե սկիզբը խղճուկ էր ու նվազ խոստումնալի, ապա դա ավելի շուտ պետք է վերագրել իմացության ճանապարհին ծագող անխուսափելի դժվարություններին, քան այդ մարդկանց բնածին անընդունակությանը կամ գիտակցված խարդախությանը։
==Մոգության միջոցով անձրևը տնօրինելը==
Հանրային մոգության գլխավոր խնդիրներից մեկը եղանակը տնօրինելն է։ Մասնավորապես, նա պետք է ապահովեր բավարար քանակությամբ տեղումներ։ Ջուրը անհրաժեշտ է կյանքի համար։ Աշխարհի շրջանների մեծ մասում ջրի քանակը կախված է տեղատարափ անձրևներից։ Առանց անձրևի բուսականությունը թոշնում է, մարդիկ տառապում ու մեռնում են։ Այդ պատճառով էլ նախնադարյան հասարակություններում անձրև առաջացնողը շատ կարևոր անձ էր։ Որպես կանոն, մթնոլորտային տեղումները կարգավորելու համար գոյություն ուներ կախարդների հատուկ դաս։ Այն միջոցները, որոնց օգնությամբ կախարդը ձգտում է կատարել իր «մասնագիտական» պարտականությունները, սովորաբար, թեպետև ոչ միշտ, հենվում են հոմեոպաթիկ կամ նմանակման մոգության սկզբունքի վրա։ Եթե նա ցանկանում է անձրև առաջացնել, ապա ընդօրինակում է այն՝ ջուր շաղ տալով կամ ամպեր նմանակելով, իսկ եթե նա նպատակ է դրել կտրել անձրևը և երաշտ առաջացնել, ապա, ընդհանկառակը, շրջանցում է ջուրը և դիմում է կրակի ծառայություններին, որպեսզի գոլորշիացնի խոնավության առատ արտազատումը։ Նման հնարքները, ինչպես կարող է թվալ լուսավորյալ ընթերցողին, բնավ էլ միայն Կենտրոնական Ավստրալիայի, Արևելյան կամ Հարավային Աֆրիկայի տոթակեղ անապատների բնակիչների սեփականությունը չեն, որտեղ հաճախ ամիսներ շարունակ անողոք արևը կապույտ, անամպ երկնքից այրում է չորացած, պապակած հողը։ Դրանք բավականին սովորական բան են եղել և հիմա էլ մնում են այդպիսին նաև Եվրոպայի ավելի խոնավ կլիմայական գոտում, արտաքուստ քաղաքակիրթ ժողովուրդների մոտ։ Օրինակներ բերենք հանրային և մասնավոր մոգության բնագավառներից։
Երբ, օրինակ, Դորպատի (այժմ՝ Տարտու) մոտակա գյուղում անձրևի կարիք էին զգում, սովորաբար երեք տղամարդ բարձրանում էին սրբազան պուրակի բարձր եղևնու վրա․ նրանցից մեկը, ընդօրինակելով ամպրոպը, մուրճով հարվածում էր թասին կամ փոքր տակառին, երկրորդը, կայծակ նմանակելով, խանձողից կայծեր էր առաջացնում, իսկ երրորդը, որին անվանում էին «անձրև առաջացնող», ճյուղերի խրձով ջուր էր շաղ տալիս բոլոր կողմերը։ Որպեսզի վերջ տան երաշտին և անձրև առաջացնեն, Պլոսկա գյուղի աղջիկերն ու կանայք գիշերը մերկ դուրս էին գալիս գյուղի ծայրը և ջուր էին լցնում գետնին։ Նոր Գվինեայից արևմուտք, մի մեծ կղզում, որի անունը Գալմագերա կամ Գիլոլո է, շամանը անձրև է առաջացնում հատուկ տեսակի ծառից պոկված ճյուղերով գետնին ջուր շաղ տալով։ Երբ Հյուսիսային Ամերիկայի օմահա ցեղի հնդկացիների ցանքսերը խոնավության պակասության պատճառով չորանում են, Գոմեշի սրբազան միության անդամները ջրով լցնում են մի մեծ աման և պարելով՝ չորս անգամ պտույտ են գալիս նրա շուրջը։ Այդ ժամանակ, նրանցից մեկը, բերանը ջուր առնելով, ցողում է օդում՝ գոյացնելով մուժ կամ մանր մաղվող անձրևի նմանվող նոսր ջրափոշի։ Այնուհետև նա ջրով լի ամանը կործում է գետնին, որից հետո պարողները բերանքսիվայր ընկնում են և դեմքները ցեխի մեջ թաթախելով՝ խմում են ջուրը։ Վերջապես, նրանք բոլորը սկսում են բերանով ջուր ցողելով, նոսր մուժ առաջացնել։ Նրանց համոզմամբ, այդ ծեսը նպաստում է ցանքսերը պահպանելուն։ Նաչեյ ցեղի հնդկացիները (Հյուսիսային Ամերիկա) գարնանը, սովորաբար, բաժնեդրոնք են անում, որ ցանքսերի համար կախարդներից բարենպաստ եղանակ գնեն։ Եթե անձրև էր հարկավոր լինում, կախարդները ծոմ էին պահում և ջրով լցված ծխամորճները բերանները դրած՝ պարում։ Ծխամորճերի մեջ անցքեր էին բացված, ինչպես ցնցուղներում․ անձրև խոստացողը այդ անցքերից ջուրը փչում էր երկնքի այն մասի ուղղությամբ, որտեղ ամպրոպաբեր ամպեր էին կուտակվում։ Իսկ եթե, ընդհակառակը, պարզ եղանակ էր հարկավոր, նա բարձանում էր խրճիթի կտուրը և, ինչքան ուժ ուներ, փչելով՝ թափահարում էր ձեռքերը և ամպերին նշան անում, որ կողքով անցնեն։ Ժամանակին անձրև չգալու դեպքում, Կենտրոանական Անգոնիլանդի<ref>Այսինքն, անգոնիների կերկիր (զուլուսյան խմբի հարավային բանտուներ ցեղ), որը գտնվում է Նյասա լճից արևմուտք։ </ref> բնիկները ուղևորվում են դեպի այսպես կոչված անձրևի տաճարը։ Ամենից առաջ նրանք մաքրում են տաճարի շրջապատի խոտը, այնուհետև նրանց ղեակավարը գարեջուր է լցնում թասի մեջ և այն թաղում հողում, ասելով «Պարոն Չաուտա, դու քո սիրտը դաժանացրել ես մեր հանդեպ։ Ի՞նչ ես ուզում մեզանից։ Չէ որ մենք կործանվում ենք։ Ահա, մենք քեզ գարեջուր տվինք, իսկ դու քո զավակներին անձրև ուղարկիր»։ Ապա բոլորը խմում են մնացած գարեջուրը, նույնիսկ մի֊մի կում տալիս երեխաներին։ Այնուհետև բոլորը վերցնում են ճյուղեր և պարելով ու երգելով՝ անձրև են կանչում։ Այդ ժամանակ գյուղում մնացած պառավը խրճիթի դռան առջև ջրով լի աման է դնում։ Արարողության մասնակիցները վերադառնալով գյուղ՝ ճյուղերը թաթախում են այդ ջրի մեջ և թափահարում են այնպես, որ կաթիլները որքան հնարավոր է վեր ցայտեն։ Դրանից հետո արդեն ոչ ոք չի կասկածում, որ քամին շուտով ծանր ամպրոպաբեր ամպեր կքշի֊կբերի։ Այս գործողություններում կարելի է նկատել կրոնի ու կախարդանքի զուգակցում։ Եթե ճյուղերով ջուր ցողելը զուտ մոգական ծես է, ապա անձրևի աղոթքը ու Չաուտային գարեջուր մատուցելը կրոնական ծիսակատարություններ են։ Հյուսիսային Ավստրալիայի մարա ցեղի մեջ անձրևահարույցը գնում է դեպի գետախորշը ու նրա վրա մոգական երգ երգում։ Հետո ձեռքերով ջուր է վերցնում, խմում, ապա ջուր առնելով բերանը, ցողում է տարբեր ուղղություններով, վերջում նա ոտից֊գլուխ ջուր է ցանում իր վրա, շաղ տալիս շուրջը և հանգիստ խղճով վերադառնում է բնակատեղի։ Կարծում են, թե դրանից հետո անձրևը երկար սպասել չի տա։ Արաբ պատմիչ Մաքրիզին նկարագում է անձրևը դադարեցնելու ձես, որին, ըստ պատմությունների, դիմում էին Հադրամաութի ալքամար ցեղի քոչվորները։ Նրանք անապատում կտրում էին մի որոշակի տեսակի ծառի ճյուղ, պահում կրակի վրա մինչև բռնկվելը, ապա ջուր էին ցանում վրան։ Կարծում էին, թե դրանից հետո անձրևը պետք է անհետանա այնպես, ինչպես ջուրն է անհետանում վառվող ճյուղի վրա թափվելիս։ Ինչպես պատմում են, Մանիփուրի արևելյան անգամների մի մասը նմանօրինակ ծես է կատարում հակառակ նպատակով, այն է՝ անձրև առաջացնելու համար։ Գյուղի առաջնորդը այրվող խանձողը դնում է այրվածքներից մեռած մարդու գերեզմանին և աղոթելով, որ անձրև առաքվի, ջրով հանգցնում է խանձողը։ Որպեսզի անձրևի նմանակում ջրով կրակը հանգեցնելը այստեղ ուժեղացվում է մեռածի ներգործությամբ, որը մահացած լինելով այրվածքներից, շատ է ցանկանում, որ անձրև գա, որպեսզի իր բորբոքված մարմինը հովացնի և սուր ցավը հանգստացնի։
Արաբներից բացի կրակը որպես անձրևը դադարեցնելու միջոց օգտագործել են նաև այլ ժողովուրդներ։ Այսպես, Նոր Բրիտանիայի սուլկաները քարերը կարմրելու աստիճանի շիկացնելով՝ դուրս են բերում անձրևի տակ, կամ էլ օդի մեջ տաք մոխիր վեր նետում։ Նրանք ենթադրում են, թե դրանից հետո անձրևը շուտով կդադարի, որովհետև նրան դուր չի գալիս, երբ իրեն տաք քարերով կամ մոխրով այրում են։ Թելուղու բնիկները անձրևի տակ բաց են թողնում այրվող խանձողիկ բռնած մի փոքրիկ մերկ աղջիկ։ Այդ խանձողիկը նա պետք է ցույց տա անձրևին։ Կարծում են, թե դա տեղատարափին կստիպի կտրվել։
Ուժեղ երաշտի ժամանակ դիերի ցեղի մարդիկ (Կենտրոնական Ավստրալիա), բարձրաձայն ողբալով իրենց երկրի աղետալի վիճակն ու իրենց կիսաքաղց գոյությունը, կանչում են իրենց նախնիների ոգիներին, որոնց անվանում են մուրա֊մուրա, որպեսզի նրանց ուժ պարգևեն առատ անձրև առաջացնելու համար։ Նրանք կարծում են, թե անձրևը երկնքում ծնվում է իրենց և հարևան ցեղերի ծիսակատարություններից, մուրա֊մուրայի ազդեցությամբ։ Դիերները հետևյալ կերպ են անձրև «առաջացնում»։ Մոտավորապես 12 ոտնաչափ երկարությամբ և 8-10 ոտնաչափ լայնությամբ փոս են փորում։ Դրա վրա գերաններով ու ճյուղերով կոնաձև խրճիթ է կառուցվում։ Ցեղի ազդեցիկ ավագները սուր կայծքարով երկու կախարդներից արյուն են բաց թողնում, որոնք, ինչպես ենթադրվում է, մուրա֊մուրաներից առաձնահատուկ ներշնչանք են ստացել։ Նրանց արմունկներից հոսող արյունը թափվում է խրճիթում խմբված ցեղակիցների վրա։ Դրա հետ միաժամանակ արնաքամ եղող կախարդները իրենց շուրջը բռերով փետուր են շաղ տալիս, որոնցմի մասը կպչում է մարդկանց արնացող մարմիններին, իսկ մյուս մասը ճախրում է օդում։ Կարծում են, թե արյունը՝ անձրև, իսկ փետուրներն ամպեր են խորհրդանշում։ Արարողության ժամանակ խրճիթի մեջտեղն են գլորում երկու խոշոր քար, դրանք կուտակվող ամպեր են պատկերում և անձրև են նախագուշակում։ Ապա նույն կախարդները քարերը տանում են 10-15 մղոն հեռու և քաշ տալիս հնարավորին չափ վեր՝ հանելով ամենաբարձր ծառը։ Այդ ժամանակ մնացած տղամարդիկ գիպս են հավաքում, փոշիացնում և լցնում են ջրով լի փոսի մեջ։ Կարծում են, թե մուրա֊մուրաները տեսնում են դա և ամպերին դրդում են անհապաղ հայտնվել երկնքում։ Վերջում երիտասարդ ու ծեր տղամարդիկ շրջապատում են խրճիթը և գլուխները խոնարհելով՝ ոչխարների նման պոզահարում են այն, մինչև որ խրճիթը խորտակվի։ Այդ ընթացքում արգելվում է ձեռքերով գործել, բայց երբ մնում են միայն ծանր գերանները, թույլատրվում է գործի դնել նաև ձեռքերը։ Խրճիթը գլխով բոթբոթելը ամպեր առաջացնել, իսկ խրճիթի կործանումը անձրևի թափվել է խորհրդանշում։ Ակնհայտ է նաև, որ ամպեր խորհրդանշող երկու քարերը ծառի կատարը բարձրացնելը ևս երկնքում իսկական ամպրին երևալ ստիպելու միջոց է։
Դիերը նաև ենթադրում են, թե պատանուն թլփատելուց հետո վերցված թլիփը անձրև առաջացնելու մեծ ընդունակություն ունի։ Դրա համար էլ ցեղի մեծ խորհուրդը միշտ իր մոտ թլիփի մի փոքր պաշար է ունենում։ Այն խնամքով թաքցնում են վայրի շան ճարպի և նախշուն օձի հետ՝ փետուրների մեջ փաթաթած։ Կանանց ոչ մի դեպքում թույլ չի տրվում այդ փաթեթը տեսնել բաց վիճակում։ Արարողությունը ավարտվելուց հետո իր ուժը կորցրած թլիփը թաղում են հողում։ Անձրև տեղալուց հետո մի քանի տղամարդ, պատանի ու տղա անպայման վիրահատության են ենթարկվում, որի ժամանակ սուր կայծքարով կտրում են ձեռքերի և կրծքի մաշկը։ Տափակ փայտերով թեթև խփում են վերքին, որպեսզի ավելի շատ արյուն գա, իսկ հետո կարմիր օքրա են մերսում։ Դրանից մարմնի վերքերի սպիները այտուցվում են։ Այս գործողությունները արդարացնում են նրանով, թե իրենք անձրևից ուրախացան, իսկ սպիների ու անձրևի միջև կապ գոյություն ունի։ Արտաքուստ վիրահատությունը շատ ցավոտ չի թվում, որովհետև դրան ենթարկվողները ծիծաղում ու կատակում են։ Վիրահատվողների շուրջը խմբվում են համբերությամբ իրենց հերթին սպասող երեխաները։ Վիրահատությունից հետո նրանք փախչում են՝ ի ցույց դնելով իրենց փոքր կուրծքը և երգելով անձրև են խնդրում, որ թափվի վերքի վրա։ Իհարկե, հաջորդ օրը, երբ բորբոքված վերքերը իրենց զգալ են տալիս, նրանք այլևս այդպես չեն ուրախանում։
Ճավա կղզում, երբ անձրևի կարիք էր լինում, երկու տղամարդ սկսում էին ճիպոտներով իրար ձաղկել, մինչև որ նրանց մեջքերից սկսում էր արյուն հոսել․ ցայտող արյունը անձրև էր խորհրդանշում, որը այդ պահին, ինչպես ենթադրվում էր, անպայման պետք է տեղար։ Հաբեշստանի մարզերից մեկում, էգղիու ցեղի մարդիկ անձրև առաջացնելու համար ամեն հունվար ամսին միմյանց հետ, գյուղը֊գյուղի հետ արյունալի գոտեմարտեր էին մղում, որոնք շարունակվում էին մի ամբողջ շաբաթ։ Հետագայում Մենելիք կայսրը արգելեց այդ սովորույթը։ Անձրևի սակավության դեպքում այդ արգելքը հարուցում էր ժողորվրդի վրդովմունքը, կայսրը ստիպված էր զիջել և թույլ տվեց վերականգնել արյունալի գոտեմարտը, բայց տարվա մեջ միայն երկու օր։ Այդ մասին հիշատակող հեղինակը այս դեպքում հեղվող արյան մեջ տեսնում է անձրև բերող ոգիների գութը շարժելու նպատակով կատարվող զոհաբերություն, բայց բացառված չէ, որ ավստրալիական և ճավայան արարողությունների նման սա ևս անձրևի նմանակում լինի։ Հավանաբար, այդ նույն սկզբունքով էին գործում Բաալ աստծու մարգարեները, որոնք ձգտելով անձրև առաջացնել, դանակներով այնքան էին իրար խազոտում, որ նրանցից սկսում էր արյուն ցայտել։
Լայն տարածում ունի այն հավատալիքը, որի համաձայն երկվորյակները բնության, հատկապես անձրևի և ընդհանրապես եղանակի վրա մոգական իշխանություն ունեն։ Այս հետաքրքրական սնահավատությունը գոյություն ունի Բրիտանական Կոլումբիայի որոշ ցեղերի մեջ։ Այս հավատալիքը հաճախ հնդկացիներին դրդում է հատուկ սահմանափակնումներ կամ մոգարգելքներ դնել երկվորյակների ծնողների վրա, թեև նման կարգի թաբուների ճշգրիտ իմաստը, որպես կանոն, պարզ չէ։ Այսպես, հնդկացի ցիմշիանները հավատում են, որ երկվորյակները իշխանություն ունեն եղանակի վրա։ Այդ պատճառով էլ նրանք քամուն ու անձրևին են դիմում հետևյալ աղոթքով․ «Հանդարտվիր, շնչառությունդ երկվորյակների»։ Նրանք նաև կարծում են, թե երկվորյակների ցանկությունները միշտ կատարվում են։ Այդ պատճառով էլ երկվորյակներից միշտ վախենում են, չէ որ նրանք կարող են իրենց ատելի մարդուն վնասել։ Ցիմշիանները հավատում են նաև, որ երկվորյակները ընդունակ են սաղմոններին (լուսնաձուկ) կանչել, և դրա համար էլ նրանց անվանում են «առատություն բերող»։ Կվակուիթլ հնդկացիների կարծիքով երկվորյակները վերամարմնավորված սաղմոններ են, դրա համար էլ նրանք չպետք է ջրին մոտենան։ Մանուկ հասակում երկվորյակները իբր ձեռքերի շարժումներով կարող են քամի, լավ կամ վատ եղանակ առաջացնել, ինչպես նաև փայտյա մեծ չխչխկանը թափահարելով՝ հիվանդություններ բուժել։ Նուտկա հնդկացիները նույնպես հավատում են, թե երկվորյակները առնչություն ունեն սաղմոնների հետ, դրա համար էլ երկվորյակներին արգելվում է սաղմոն որսալ, թարմ ձուկ ուտել կամ պարզապես ձեռքում պահել։ Սև ներկով նախշելով դեմքները, իսկ հետո լվանալով, որը ծանր ամպերից թափվող անձրև է խորհրդանշում, նրանք կարող էին եղանակը լավացնել կամ վատացնել և անձրև առաջացնել։ Շուսվապ հնդկացիները և Թոմպսոն գետի հնդկացիները երկվորյակներին զուգորդում են գրիզլի արջի հետ, նրանց անվանելով մատաղ գրիզլիներ։ Եթե հավատալու լինենք նրանց, ապա երկվորյակները ամբողջ կյանքում օժտված են գերբնական ընդունակություններով, մասնավորապես իբր կարող են եղանակը կառավարել։
Բնության վրա երկվորյակների ներգործելու ունակությանը հավատում են նաև Հարավարևելյան Աֆրիկայում Դելագոա ծովախորշի ափերին ապրող բարոնգա բանտուները։ Նրանք երկվորյակներ ծնած կնոջը մեծարում են Թիլո անվամբ, որը նշանակում է երկինք, իսկ երեխաներին կոչում են երկնքի որդիներ։ Երբ, սովորաբար, սեպտեմբեր֊հոկտեմբեր ամիսներին մոլեգնող փոթորիկները հապաղում են, երբ երկրին սպառնում է սովի նախագուշակը՝ երաշտը, և վեց ամիս անընդհատ կիզվելով անամպ երկնքում շողացող արևից, բնությունը կարոտում է աֆրիկյան գարնան կենսաբեր տարափներին, կանայք կատարում են ծեսեր, որոնք կոչված են փափագելի անձրև ուղարկել պապակ հողին։ Նրանք իրենց վրայից հանում են ամբողջ հագուստը, այն փոխարինելով խոտից հյուսված գոտիներով, գլխակապերով կամ գետնատարած բույսերից պատրաստված կարճ փեշերով։ Այսպես հոգնած, բարձր ճիչեր արձակելով և անվայել երգեր երգելով, նրանք ջրհորից֊ջրհոր են անցնում և դրանք մաքրում կուտակված կեղտից ու աղտոտությունից։ Նրանց ջրհորները հասարակ փոսեր են, որոնցում մի քիչ պղտոր ջուր կա։ Այնուհետև կանայք գնում են իրենց ընկերուհիներից մեկի տուն, որը երկվորյակ է աշխարհ բերել, և փոքր կժերով բերած ջուրը ցողում են նրա վրա։ Դրանից հետո նրանք շարունակում են իրենց ճանապարհը՝ սանձարձակ երգեր ճղճղալով և անպատկառ պարեր պարելով։ Տղամարդկանց արգելվում է տերևներ հագած այդ կանաց զբոսահանդեսին նայել։ Եթե նրանց ճանապարհին տղամարդ է հանդիպում, կանայք նրան ծեծում ու վռնդում են։ Ջրհորդները մաքրելուց հետո կանայք պետք է սրբազան պուրակում ջուր ցանեն նախնիների գերեզմաններին։ Կախարդի հրամանով նրանք հաճախ ջրում են նաև երկվորյակների գերեզմանները։ Նրանց կարծիքով երկվորյակների գերեզմանները միշտ պետք է խոնավ լինեն, դրա համար էլ նրանց սովորաբար թաղում են լճի մոտ։ Եթե անձրև առաջացնելու բոլոր ջանքերը ապարդյուն են անցնում, բարոնգաները հիշում են, որ այսինչ երկվորյակը թաղված է բլրի լանջին, չոր տեղում։ Նման դեպքերում կախարդը ասում է․ «Զարմանալի չէ, որ երկինքը անողոք կիզում է։ Հանեք հանգուցյալի մարմինը և գերեզմանը լճի ափին փորեք»։ Հրամանը իսկույն կատարվում է, որովհետև անձրև առաջացնելու ուրիշ միջոց այլևս չկա։
Բերված փաստերից մի քանիսը հաստատում են պրոֆեսոր Օլդենբերգի<ref>Օլդենբերգ Հերման (1854-1920)՝ գերմանացի բանասեր, սանսկրիտի մասնագետ։</ref> կողմից այն կանոնների մեկնաբանությունը, որոնք պիտի պահպանի բրահմանը, եթե ցանկանում է հին հնդկական օրհներգությունների ժողովածուից սովորել հատուկ օրհներգությունը, որը հայտնի է Սամավեդա անունով։ Կարծում են, որ այդ օրհներգությունը, այսես կոչված՝ Շաքվարու երգը, մարմնավորում է Ինդրայի զենքը՝ կայծակի ուժը։ Ահավոր պայթունակ ուժով լիցքավորված այդ օրհներգությանը տիրապետելու փորձ անող խիզախ բրահմանը պետք է կապերը խզեր մարդկանցից և գյուղից հեռանար անտառ։ Մի որոշ ժամանակ, որը տարբեր հեղինակների վկայությամբ տատանվում է մեկից մինչև տասներկու տարի, նա պարտավոր էր պահպանել որոշակի կենսակարգ՝ օրական երկու անգամ ձեռք տար ջրին, սև զգեստ կրեր, սև սնունդ ուտեր, ծածկի տակ չթաքնվեր, այլ նստեր անձրևի տակ ու կրկներ․ «Ջուրը Շաքվարու երգն է»։ Իսկ երբ կայծակը փայլատակեր, պետք է ասեր․ «Դա նման է Շաքվարու երգին»․ իսկ երբ ամպրոպը որոտար՝ «Մեծը մեծ աղմուկ է առաջացնում»։ Նա իրավունք չուներ առանց ջրին ձեռք տալու՝ հոսանքն անցնել, նավ նստել, եթե կյանքին վտանգ չէր սպառնում, և նույնիսկ այդ դեպքում տախտակամած բարձրանալիս նա պետք է անպայման ձեռք տար ջրին, քանի որ, ինչպես ասում է առածը, Շահվարու երգի ուժը մնում է ջրում»։ Վերջապես, երբ նրան թույլ էր տրվում բուն երգը սովորել, նա պետք է ձեռքը թաթախեր ամեն տեսակի բույսերով լի անոթի ջրի մեջ։ Երբ բրահմանը այս բոլոր հրահանգները կատարի, անձրևի աստվածը՝ Փարջանիան, նրա ցանկությամբ անձրևի կուղարկի։ Պարզ է, իրավացիորեն նշում է պրոֆեսոր Օլդենբերգը, որ «այս բոլոր կանոնների նպատակն է բրահմանին առնչել ջրի հետ, նրան դարձնել ջրի տարերքի դաշնակիցը և պաշտպանել նրա թշնամանքից։ Նույն իմաստն ունեն նաև սև հագուստն ու սև ուտելիքը։ Կասկած չկա, որ այստեղ սև գույնը անձրևաբեր ամպեր է խորհրդանշում։ Այդ պատճառով էլ մենք կարող ենք ենթադրել, որ վեդայական դպրոցների գաղափարներն ու հրահանգները ամենահեռավոր վաղեմությունից եկող մոգական գործողություններ են պարունակում։ Դրանք կոչված էին անձրև հարուցողին նախապատրաստել իր պարտականության կատարմանը և կարգել իր պաշտոնում»։
Արևադարձային Ճավա կղզում, որտեղ ճոխ բուսականությունը վկայում է տեղումների առատությունը, անձրև առաջացնելու ծեսը շատ ավելի հազվադեպ է հանդիպում, քան այն կանխելունը։ Երբ ճավայացին մտադրվում է տարվա անձրևային եղանակին մեծ խրախճանք կազմակերպել, նա գնում է «եղանակագետ մասնագետի» մոտ և խնդրում է «վանել» ամպերը, որոնք կարող են կուտակվել։ Եթե նա համաձայնում է իր մասնագիտական ընդունակությունները ի սպաս դնել այդ գործին, ապա խնդարտուի գնալուց հետո որոշակի կանոնների միջոցով սկսում է կարգավորել իր վարքագիծը։ Նա պետք է պաս պահի, չխմի ու չլողանա, այն քիչ ուտելիքն էլ, որ օգտագործում է, պետք է չոր լինի․ ոչ մի դեպքում չպետք է դիպչի ջրին։ Խրախճանք կազմակերպողը և նրա իգական ու արական սեռի ծառաները դրա ամբողջ ընթացքում պետք է սպիտակեղենը լվանան ու լողանան․ նրանք պետք է նաև խստիվ ողջախոհություն պահպանեն։ Իսկ կախարդը իր ննջարանում նստում է չորս խսրի վրա և խրախճանքը սկսվելուց փոքր ինչ առաջ հետևյալ կախարդանքն ու աղոթքն է շշնջում փոքր ջահի մոտ․ «Սրեկել տատ կամ պապ, (ըստ երևույթին, անունը պատահաբար է ընտրված, երբեմն այլ անուններ են տալիս), վերադարձիր քո երկիրը, քո Աքեմաթ երկիրը։ Ստիպիր, որ ջրով լցված քո տակառը լռի, մի լավ փակիր այն, որ նրանից ոչ մի կաթիլ չթափվի»։ Աղոթքի ժամանակ կախարդը նայում է վերև ու խնկարկում։
Հավասարապես նաև թորաջի ցեղի «օդերևութաբանը», որը մասնագիտանում է անձրև դադարեցնելու մեջ, իր զբաղմունքից բխող պարտականությունները կատարելուց առաջ, դրա ընթացքում և դրանից հետո միջոցների է դիմում, որ ջրին չդիպչի։ Նա չի լողանում, ուտում է անլվա ձեռքերով, խմում է միայն արմավագինի, և եթե պատահում է, որ նա պիտի անցնի հոսանքով, ջանում է ոտքերը ջրի մեջ չդնել։ Պատրաստվելով կատարել իր վրա դրված առաքելությունը, կախարդը հրամայում է բրնձի դաշտում մի փոքրիկ խրճիթ կառուցել։ Այդ խրճիթում նա թույլ կրակ է անում, որը միշտ պետք է անշեջ մնա։ Կրակի մեջ այրում է զանազան տեսակի փայտեր, որոնք համարվում են անձրևը կտրելու ընդունակ։ Նա ամբողջ ուժով փչում է այն ուղղությամբ, որտեղից ամպեր են գալիս կուտակվում, և այդ ժամանակ նա իր ձեռքում տերևների ու ծառի կեղևի փունջ է պահոմ, որոնք, չոր ու շուտ գոլորշիացող ինչ֊որ բան արտահայտող իրենց անվանումների շնորհիվ, նույնպես ընդունակ են համարվում ամպերը ցրել։ Եթե ամպերը հայտնվում են այն ժամանակ, երբ կախարդը կատարում է իր պարտականությունները, նա վերցնում է մի բուռ կիր ու փչում է ամպերի ուղղությամբ։ Ակնհայտ է, որ մի այնպիսի չոր նյութ, ինչպիսին կիրն է, լավ է հարմարեցված խոնավությամբ հագեցած ամպերը ցրելու համար։ Եթե հետագայում անձրևի կարիք է առաջանում, բավական է, որ նա կրակի վրա ջուր լցնի, և անձրևը իսկույն կհորդի՝ ինչպես դույլից։
Դժվար չէ նկատել, որ անձրևը դադարեցնելու՝ ճավացիների և թորաջիների ծեսերը ուղղակի հակադիր են նույն նպատակով կատարվող հնդկական ծեսերին։ Բացի հատուկ դեպքերից, հնդիկ իմաստունին հանձնարարվում է պարբերաբար, օրական երեք անգամ շփվել ջրի հետ։ Մինչդեռ ճավացի ու թորաջի կախարդներին, առհասարակ, արգելվում է դիպչել ջրի։ Բրահմանը ապրում է անտառում և նույնիսկ անձրևի ժամանակ իրավունք չունի ծածկի տակ մտնել։ Ճավացիներն ու թորաջրները, ընդհակառակը, ապրում են չոր տանը կամ խրճիթում։ Առաջինը անձրևի հետ իր հարազատությունը արտահայտում է նրանով, որ թողնում է իր վրա թափվի և հարգանքով է խոսում նրա մասին։ Մինչդեռ վերջինները լամպ կամ կրակ են վառում և առավելագույն ճիգեր են գործադրում անձրևը դադարեցնելու համար։ Բայց նրանք բոլորը գործում են մեկ սկզբունքով․ նրանցից յուրաքանչոյւրը, ինչպես խաղացող երեխան, իրեն նմանեցնում է այն երևույթին, որը ցանկանում է առաջացնել։ Հնուց ի վեր արմատացած մոլորության համաձայն, հետևանքը նման է իր պատճառին․ եթե ցանկանում եք, որ խոնավ լինի, ապա խոնավ եղեք ինքներդ, եթե ցանկանում եք, որ չոր լինի, ապա չոր եղեք ինքներդ։
Հարավարևելյան Եվրոպայում մինչև հիմա էլ անձրև առաջացնելու ծեսեր են կատարվում։ Դրանք ոչ միայն հենվում են տրամաբանական նույն հիմքի վրա, ինչ որ վերևում թվարկված արարողությունները, այլև մանրամասնելով էլ են նման այն ծիսակատարություններին, որոնք, օրինակ, հենց նոյն նպատակներով կատարում են Դելագոա ծովախորշի բարոնգաները։ Երբ Թեսալիայի և Մակեդոնիայի հույների մոտ երաշտը երկար էր տևում, սովորություն կար երեխաների թափոր ուղարկել դեպի մարզի բոլոր ջրհորներն ու աղբյուրները։ Թափորի առջևից քայլում էր ծաղիկներով զարդարված մի աղջիկ, որի վրա նրա ուղեկիցները ամեն անգամ կանգնելիս ջուր էին ցանում՝ հմայախոսություններ երգելով։ Ահա յդ երգից մի հատված․
Պերպերիան վաղորդյան շաղով <br>
Թարմացնում է շուրջն ամեն ինչ․ <br>
Անտառում ու վեր մագլցելիս <br>
Ջերմեռանդ աղոթի՛ր աստծուն։ <br>
Հովիտներին մեր, աշորայի վրա, <br>
Տեր մեր, հղիր դու անձրև բարեբեր, <br>
Որ պտղաբերեն արտերը մեր, <br>
Որ խաղողը աճի հողի վրա այս, <br>
Որ հասկերը լցվեն հատիկներով, <br>
Եվ շեն լինի ժողովուրդը ամենուր։ <br>
Երաշտի ժամանակ սերբերը լրիվ մերկացնում են մի փոքրիկ աղջկա և ոտից գլուխ հագցնում խոտերից ու ծաղիկներից պատրաստված զգեստ։ Նրա երեսն էլ թաքցնում են թարմ կանաչից հյուսված քողով։ Նրան անվանում են Դոդոլա։ Աղջիկների ուղեկցությամբ նա գնում է գյուղի միջով։ Թափորը ամեն տան առջև կանգ է առնում։ Դոդոլան անվերջ պարում է պտտվելով, աղջիկները նրա շուրջը շրջան են կազմում՝ երգելով Դոդոլայի երգերից, իսկ տանտիրուհին մի դույլ ջուր է լցնում նրա վրա։ Ահա թե ինչպես է հնչում երգերից մեկը․
Մենք գյուղով ենք անցնում, <br>
Իսկ երկնքով ամպեր են սահում։ <br>
Մենք արագացրինք մեր քայլերը, <br>
Արագ սահեցին նաև ամպերը։ <br>
Նրանք մեզանից շատ առաջ անցան, <br>
Ու ողողեցին իրենց թարմությամբ <br>
Ցորենն ու որթը խաղողի։
Երբ Հնդկաստանի Պունա գյուղում անձրևի կարիք է զգացվում, տեղացի տղաներից մեկին զարդարում են տերևներով ու կոչում «անձրևի թագավոր»։ Նա շրջում է գյուղի բոլոր տները։ Տան տերերն ու նրանց կանայք «անձրևի թագավորի» վրա ջուր են ցանում և թափորի մասնակիցներին զանազան ուտելիքներ տալիս։ Բոլոր տները այցելելուց հետո տղաները հանում են «անձրևի թագավորի» տերևե հագուստները և նվիրատվություններով խնջույք են կազմակերպում։
Հարավային ու Արևմտյան Ռուսաստանի որոշ շրջաններում որպես անձրև առաջացնելու միջոց կիրառվում է լողանալը։ Երբեմն ժամասացությունից հետո ծխի անդամները քահանային փարաջայով գետին էին գլորում և ջրով ողողում։ Այդ դեպքերում Հովհաննես Մկրտչի օրը կանայք շորերը հագներին, խմբերով լողանում են՝ ճյուղերից, խոտերից ու բույսերից պատրաստած սրբի պատկերները սուզելով ջրի մեջ։ Երբ Կուրսկի շրջանում անձրևի կարիք էր զգացվում, կանայք բռնում էին օտարական անցորդին և նետում գետը կամ ոտից գլուխ թրջում էին։ Հետագայում մենք կհամոզվենք, որ օտարականին հաճախ համարում էին աստվածություն կամ բնական որևէ տարերքի մարմնավորում։ Հայերի մոտ անձրևն առաջացնելու կախարդանքն այն է, որ ջրի մեջ են գցում իրիցկնոջը։ Հյուսիսային Աֆրիկայում որպես երաշտի դեմ ուղղված միջոց աղբյուրի մեջ են գցում իր սրբությամբ համբավ վայելող մարդուն (անկախ այն բանից, ցանկանո՞ւմ է այդ, թե՞ ոչ)։ Ցելեբես (Սուլավեսի) կղզու հյուսիսում Մինահասայի շրջանում անձրև առաջացնելու համար քուրմը ինքն է լողանում։ Երբ Կենտրոնական Ցելերեսում երկար ժամանակ անձրև չի գալիս, և բրնձի ցանքերը սկսում են չորանալ, շատ գյուղերի բնակիչներ, հատկապես երիտասարդները, գնում են առվի մոտ և բարձրաձայն աղաղակելով, ջուր են լցնում իրար վրա կամ բամբուկի փողիկներով թրջում միմյանց։ Երբեմն ձեռնափերով ջրին հարվածելով կամ նրա վրա շրջված դդում դնելով ու մատներով թմբկահարելով՝ նրանք ընդօրինակում են անձրևի շփշփոցը։
Շատ ժողովուրդներ կարծում են, թե կանայք հողը վարելով կամ վարել ձևացնելով՝ ընդունակ են անձրև առաջացնել։ Այսպես, Կովկասում փշավներն ու խևսուրները երաշտի ժամանակ կատարում են մի ծես, որը կոչվում է «անձրևավար»։ Աղջիկները լծվում են գութանին և քարշ են տալիս գետի մեջ այնքան, մինչև որ ջուրը հասնի իրենց գոտկատեղը։ Նման հանգամանքներում նույն կերպ են վարվում նաև հայ աղջիկներն ու կանայք։ Մի տարեց կին կամ իրիցկինը փարաջա է հագնում, իսկ տղամարդու շորերը հագած ուրիշ կանայք նրա ղեկավարությամբ ջրում գութանը քաշում են հակառակ ուղղությամբ։ Եթե Վրաստանում երաշտը երկար էր տևում, ամուսնական տարիքի հասած աղջիկներին զույգերով լծում էին եզների լծասարքին, քահանան ձեռքն էր առնում սանձերը, և նրանք աղոթելով, ճչալով, լալով ու ծիծաղելով անցնում էին գետով, ջրափոսերով, ճահճուտներով։ Տրանսիլվանիայի մի վայրում, երբ գետինը երաշտից ճաքճքում է, մի քանի աղջիկներ լրիվ մերկանում են, այնուհետև տարիքն առած, նույնպես մերկ մի կնոջ գլխավորությամբ գողանում են տափանը և ամբողջ դաշտով քարշ տալիս առվի մոտ։ Առվին հասնելով՝ նրանք տափանը գցում են ջուրը, նստում են նրա վրա և մեկ ժամ շարունակ նրա ամեն մի անկյունում վառված կրակներ են պահպանում։ Դրանից հետո, տափանը թողնելով ջրում՝ տուն են դառնում։ Անձրև առաջացնելու նման միջոցի են դիմում Հնդկաստանի որոշ մասերում․ մերկ կանայք գիշերը արորը քարշ են տալիս դաշտով, իսկ տղամարդիկ աշխատում են հեռու մնալ այդ արարողությունից, քանի որ նրանց ներկայությունը իբր կարող է խափանել կախարդությունը։
Երբեմն անձրև են աղերսում հանգուցյալի միջոցով։ Նոր Կալեդոնիայում անձրև աղերսողները իրենց մարմինը ներկում են սև գույնով, փորում հանում են հանգուցյալի աճյունը, ոսկորները տանում են քարանձավ, միացնում են իրար և կախում տարոյի տերևների վրա։ Ոսկորների վրա այնպես են ջուր լցնում, որ հոսի տերևների վրա։ Բնիկները հավատում են, թե հանգուցյալի ոգին ներծծում է ջուրը, վեր է ածում անձրևի և ցած թափվում։ 1886 թվականին բերքը ոչնչացնել սպառնացող երկարատև երաշտը Ռուսաստանի Տարաշչայի վոլոստի մի գյուղի բնակիչների դրդեց գերեզմանից հանել նախորդ տարվա դեկտեմբեր ամսին մեռած մի աղանդավորի դիակ։ Գյուղացիների մի մասը հարվածում էր դիակի գլխին կամ այն բանին, ինչ մնացել էր նրանից, ասելով «Մեզ անձրև տուր», այն դեպքում, երբ մնացածները մաղով ջուր էին լցնում նրա վրա։ Դիակի վրա մաղով ջուր լցնելը այսպես բացահայտորեն արտացոլում է տեղատարափ և մեզ հիշեցնում, թե Արիստոֆանի (մ․թ․ա․ մոտ 445 ― մոտ 385) «Ամպեր», կատակերգությունում Ստրեպսիադեսը<ref>Ստրեպսիադես ― Արիստոֆանի նշված կատակերգության գործող անձ։ Նրա կարծիքով, անձրևը գալիս է, երբ Զևսը մաղի միջով միզում է։</ref> ինչպես էր պատկերացնում Զևսի կողմից անձրև առաքելը։ Անձրև առաջացնելու համար թրաջիները հաճախ ապավինում էին հանգուցյալների կարեկցանքին։ Այսպես, Կալինգոոա գյուղում կա մի նշանավոր առաջնորդի գերեզման։ Երբ հողը տառապում է անժամանակ վրա հասած երաշտից, մարդիկ գալիս են այդ գերեզմանը, ջուր են լցնում նրա վրա և ասում․ «Խղճա մեզ, պապ, եթե դու ցանկանում ես, որ այս տարի մենք սնունդ ունենանք, անձրև ուղակիր»։ Դրանից հետո նրանք գերեզմանի վրա կախում են ջրով լցված բամբուկի բունը։ Նրա ներքևի մասում բացված մի փոքր անցքից կաթիլ֊կաթիլ ջուր է թափվում։ Քանի դեռ անձրևը չի ողողում գետինը, բամբուկի բունը անընդհատ լցվում է ջրով։ Ինչպես որ Նոր Կալեդոնիայում, այստեղ էլ է մոգությունը խառնվաէ կրոնի հետ․ մեռած առաջնորդին աղոթքով դիմելը, ինչը զուտ կրոնական բնույթ ունի, լրացվում է նրա գերեզմանի մոտ կատարվող անձրևի մոգական նմանակմամբ։ Մենք տեսանք, որ Դելագոա ծովախորշի բալոնգաները որպես անձրևաբեր կախարդանք ոռոգում են նախնիների, հատկապես երկվորյակների գերեզմանները։ Օրինոկո գետի ավազանի հնդկացիների որոշ ցեղերի մոտ հանգուցյալների ազգականները սովորաբար հուղարկավորությունից մեկ տարի անց հողից հանում են նրանց աճյունը, այրում ու մոխիրը քամուն են տալիս։ Կարծում են, թե մոխիրը վեր է ածվում անձրևի, որը հանգուցյալը ցած է ուղարկում որպես պարգև իրեն թաղելու համար։ Չինացիները համոզված են, որ եթե մարդիկ թաղված չեն, ապա անձրևը նրանց հոգիներին անհանգստացնում է ճիշտ այնպես, ինչպես կենդանի մարդկանց, եթե աննպաստ եղանակին նրանց թողնելիս անօթևան։ Այդ պատճառով էլ անթաղ մնացածների դժբախտ հոգիները իրենց ուժերը ներածին չափ ամեն ինչ անում են, որ անձրև չգա, և նրանց ջանքերը հաճախ են հաջողությամբ պսակվում։ Այդ նկատառումով էլ չինական իշխանությունները երաշտի ժամանակ, որպես կանոն, հողին էին հանձնում չթաղված մեռելների ոսկորները, որ վերջ տային աղետալի վիճակին և անձրև առաջացնեին։
Եղանակի հետ կապված կախարդական դյութանքներում հաճախ կարևոր դեր են խաղում անասունները։ Հյուսիսային Ավստրալիայի անուլա ցեղի բնիկները անձրևի հետ զուգորդում են լայնակտուց (Eurystomos) թռչունին և նրան անվանում անձրևաթռչուն։ Վերջինս անուլաների տոտեմն է։ Այդ ցեղի տղամարդիկ իբր օժտված են անձրև առաջացնելու ունակությամբ։ Դրա համար նրանք օձ են որսում և ողջ֊ողջ գցում են որոշված ջրամբարը։ Որոշ ժամանակ հետո օձին հանում են, սպանում և թողնում են ափին։ Այնուհետև խոտերից պատրաստում են ծիածանի նման կոր հյուսվածք և դրանով ծածկում օձին։ Այժմ մնում է միայն օձի և ծիածանի նմանակի վրա կախարդանք երգել, որ վաղ թե ուշ անձրևը թափվի։ Բնիկները իրենց գործողությունները բացատրում են նրանով, որ հենց այդ տեղում շատ վաղ ժամանակներում լայնակտուցը ապրել է օձի հետ ամուսանցած։ Օձն ապրում էր ջրամբարում և անձրև էր առաջացնում, ջուրը շիթերով վեր՝ դեպի երկինք էր թքում այնքան ժամանակ, մինչև որ հայտնվում էին ծիածանն ու ամպերը, և սկսում էր անձրև գալ։ Ճավա կղզու տարբեր մասերում անձրև առաջացնելու սովորական միջոց է նույն կամ տարբեր սեռերի երկու կատուներ լողացնելը․ երբեմն կենդանիներին դեպի ջուրն են ուղեկցում թափորով և երաժշտությամբ։ Բուն Բատավիայում ժամանակ առ ժամանակ կարելի է տեսնել կատուներ գրկած երեխաների թափոր։ Կենդանուն ջրի մեջ սուզելուց հետո բաց են թողնում։
Երբ վամբուգվե ցեղի (Արևելյան Աֆրիկա) կախարդը ցանկանում է անձրև առաջացնել, նա վառ արևոտ եղանակին սև ոճխար և սև հորթ է դուրս բերում և տեղավորում ընդհանուր խրճիթի կտուրին։ Հետո նա ճեղքում է անասունների որովայնը և փորոտիքը շաղ է տալիս չորս կողմերը։ Ապա նա ջրով լի անոթի մեջ լցնում է դեղախոտեր։ Եթե կախարդանքը ազդեցություն է գորում, անոթի ջուրը սկսում է եռալ և անձրև է գալիս։
=Ծանոթագրություններ =
{{ծանցանկ}}