Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 253 295 բայտ, 11:09, 9 Հուլիսի 2021
/* Գլուխ իներորդ․ Վերջին խորհրդակցությունը */
====Գլուխ վեցերորդ․ Ճակատամարտը Պելլենորի դաշտերում====
Բայց հարձակումը Գոնդորի վրա օրք առաջնորդ չէր գլխավորում, և ոչ էլ ինչ-որ պատահական ավազակ։Խավարը ցրվեց նրա Սև Տիրակալի նշանակված ժամանակից շուտ․ հաջողությունը մի պահ դավաճանեց նրան, և աշխարհը դուրս եկավ նրա վերահսկողությունից։ Հաղթանակը դուրս էր պրծնում նրա ձեռքից հենց այն ժամանակ, երբ նա մեկնել էր ձեռքը` այն ճանկելու համար։ Սակայն նրա ձեռքը երկար էր։ Նա դեռևս ահռելի ուժերի հրամանատար էր․ Արքա, Մատանու Ուրվական, Նազգուլների առաջնորդ՝ մեծ էր նրա զորությունը։ Նա նահանջեց Դարպասից ու անհետացավ։ Թոեդենը, Մարկի թագավորը, հասավ Գետից դեպի Դարպասը ձգվող ճանապարհին և շրջվեց դեպի Քաղաքը, որն այժմ մեկ մղոնից էլ պակաս հեռավորության վրա էր։ Նա մի փոքր դանդաղեցրեց ընթացքը՝ փնտրելով նոր թշնամիներ, և նրա ասպետները հասան նրան, և Դեռնհելմը նրանց հետ էր։ Առջևում, պատերի մոտ, Էլֆհելմի ռազմիկները ջարդում էին պաշարման մեքենաները, խողխողում թշնամիներին ու քշում նրանց դեպի կրակը։ Պելլենորի գրեթե ամբողջ հյուսիսային կողմը մաքրված էր․ այրվում էին թշնամական ճամբարները, օրքերը թռչում էին դեպի Գետը, ինչպես որսորդներից փախչող հոտը, իսկ ռոհիրիմները աջ ու ձախ կոտորում էին։ Բայց նրանք դեռևս չէին տապալել պաշարումը և չէին գրավել Դարպասը, որի առջևում դեռ շատ թշնամիներ կային։ Եվ դաշտի մյուս կողմում էլ պահեստային մեծ ուժեր էին կուտակված, դեռևս մարտի մեջ չմտած։ Հարավում, ճանապարհից այն կողմ, գտնվում էին Հարադրիմցիների հիմնական ուժերը, նրանց հեծյալները հավաքվել էին իրենց առաջնորդի զինադրոշի շուրջը։ Եվ առաջնորդը նայեց ու առավոտյան լույսի տակ տեսավ Թեոդենի զինադրոշը, և հասկացավ, որ նա շատ է հեռացել իր հիմնական ուժերից՝ շրջապատված մի խումբ հեծյալներով։ Նա լցվեց կարմիր բարկությամբ և բարձրաձայն բղավեց, ապա շրջեց իր զինադրոշը՝ սև օձը կարմիրի վրա, և իր ահռելի զորքով սլացավ դեպի կանաչի վրա ճերմակ ձիու զինադրոշը։ Նրանց յաթաղանները փայլում էին, ինչպես հազարավոր աստղեր։ Թեոդենը տեսավ նրանց և չսպասեց հարվածին, այլ ձայնեց Սպիտակբաշին և սլացավ նրանց դեմ հանդիման։ Կատաղի էր նրանց բախումը, բայց հյուսիսցիների ճերմակ կատաղությունն ավելի ուժեղ էր այրում, և ավելի հմուտ էր նրանց ռազմական արվեստը, երկար նիզակներն ավելի ճշգրիտ էին հարվածում։ Նրանք քանակով ավելի քիչ էին, բայց մխրճվեցին հարավցիների մեջ, ինչպես կայծակն է մխրճվում ու հրդեհում անտառը։ Հրդեհի ալիքի ամենակենտրոնում էր Թեոդենը, Թենգելի որդին։ Նրա նիզակը հարվածեց թշնամու առաջնորդին և ճեղքվեց, և այդ ժամանակ նա հափշտակեց թուրն ու մի հարվածով կտրեց զինադրոշի ձողն ու այն կրողին։ Եվ սև օձն ընկավ։ Հարադի ողջ մնացած հեծյալները փախան։  Բայց ավա՜ղ։ Հանկարծակի, թագավորի փառքի գագաթնակետին, խամրեց նրա ոսկե վահանը։ Բացվող առավոտը ջնջվեց երկնքից, և նրան պարուրեց խավարը։ Ձիերը ծառս եղան ու խրխնջացին, ռազմիկներն ընկան թամբերից ու սկսեցին սողալ։ — Ինձ մո՛տ, ինձ մո՛տ,— բացականչեց Թեոդենը։ — Մի՛ վախեցեք խավարից։  Բայց Սպիտակբաշը վայրի սարսափով համակված ծառս եղավ՝ առջևի ոտքերը թափահարելով օդում, և հանկարծ բարձր խրխնջաց ու կողքի վրա տապալվեց գետնին՝ խոցված սև տեգով։ Թագավորն ընկավ նրա տակ։ Հսկայական ստվերն իջնում էր, ինչպես ծանրացած ամպը։ Բայց դա ամպ չէր։ Դա մի թևավոր հրեշ էր․ եթե թռչուն, ապա բոլոր թռչուններից էլ մեծ, և նա մերկ էր, առանց փետուր, սև հարթ մաշկով, եղջուրավոր մատների արանքում ձգված հսկայական թաղանթ-թևերով։ Նրանից գարշահոտություն էր փչում։ Հնարավոր է, այդ արարածը պատկանում էր ավելի հին աշխարհի, բայց նրա տեսակը վերապրել էր իր ժամանակը հեռավոր լեռների ինչ-որ մոռացված անկյունում, սառը լուսնի տակ, և վերջին սարսափելի բնում՝ անհասանելի գագաթների գլխին, ձվադրել էր իր վերջին, անժամանակ սերունդը։ Եվ Սև Տիրակալը գտել էր նրան, կերակրել մսով, մինչև որ նա դարձել էր բոլոր թռչուններից ամենամեծը, և նվիրել էր իր սպասավորին ձիու փոխարեն։Հրեշավոր թռչունը աստիճանաբար իջավ, ծալեց թաղանթավոր թևերը, կռռացող ճիչ արձակեց ու վայրեջք կատարեց Սպիտակբաշի վրա՝ ճանկերը խրելով նրա մարմնի մեջ։ Ապա կախեց երկար, մերկ պարանոցը։  Նրա մեջքին նստած էր մի հեծյալ, սև թիկնոցով, հսկայական, սպառնալի։ Նա պողպատե պսակ էր կրում աներևույթ գլխին, քանզի թիկնոցի և պսակի միջև ոչինչ չկար, միայն աչքեր էին վառվում մահացու կրակով։ Դա Նազգուկների առաջնորդն էր։ Երբ խավարը ցրվեց, նա հեռացավ, որպեսզի փոխի իր ձիուն, և այժմ վերադարձել էր ռազմի դաշտ սարսափ սերմանելու՝ վերածելով հույսը հուսահատության և հաղթանակը՝ պարտության։ Մեծ, սև գուրզ էր բռնել նա իր ձեռքին։ Բայց ոչ բոլորն էին լքել Թեոդենին։ Նրա շուրջը պառկած էին սպանված թիկնապահներն ու իր տան ասպետները, մյուսներին քարշ էին տալիս հեռու խելագարված ձիերը։ Բայց մեկը մնացել էր․ երիտասարդ Դեռնհելմը՝ անշարժ, անկոտրում, նրա հավատարմությունը հաղթել էր վախին։ Նա կանգնած լալիս էր, որովհետև սիրում էր իր տիրակալին սեփական հոր պես։ Հարձակման ժամանակ Մերին անվնաս էր մնացել Դեռնհելմի հետևում՝ մինչև Ստվերի հայտնվելը։ Բայց նրա հայտնվելուց հետո Քամֆոլան ցած էր գցել նրանց թամբից ու սլացել հեռու։ Մերին չորեքթաթ սողում էր, ինչպես շշմած գազանիկ՝ սարսափից կուրացած ու կիսամեռ։  — «Թագավորի զինակիրը, դու թագավորի զինակիրն ես,— համոզում էր նրան սիրտը։ — Դու պետք է պաշտպանես նրան․ ինքդ ասացիր․ Այժմ դու ինձ հոր պես ես»։  Սակայն նրա կամքը չէր պատասխանում, իսկ մարմինն անզոր ցնցվում էր։ Նա չէր համարձակվում բացել աչքերն ու բարձրացնել գլուխը։ Եվ հանկարծ, սև խավարում նրան հասավ Դեռնհելմի ձայնը, բայց այժմ այն տարօրինակ էր հնչում և հիշեցնում էր նրա ականջին ծանոթ մեկ այլ ձայն։ — Կորի՛ր, գարշելի՛ հոգեառ, լեշերի՛ տիրակալ, հանգիստ թո՛ղ զոհվածներին։ Սառը, դաժան մեկ այլ ձայն պատասխանեց․ Մի՛ կանգնիր Նազգուլի և նրա որսի միջև։ Այլապես նա չի սպանի քեզ քո հերթին։ Նա կտանի քեզ անդրշիրիմյան խավարից էլ այն կողմ, հուսահատության որջը, որտեղ քո մարմինը կծվատեն, իսկ մերկացած ու խորշոմած հոգիդ կմնա Անկոպ Աչքի հայացքին դեմ հանդիման։  Լսվեց պատյանից հանվող թրի զրնգոցը։ — Ինչով ուզում ես, կարող ես վախեցնել, բայց ես ամեն ինչ կանեմ, որ քեզ խանգարեմ։ — Խանգարե՞ս, ի՞նձ։ Հիմա՛ր, ոչ մի մահկանացու այր չի կարող ինձ խանգարել։ Եվ այդ պահին Մերին լսեց բոլոր ձայներից ամենտարօրինակը այդ ժամի համար։ Թվում էր, Դեռնհելմը ծիծաղում է, և նրա ձայնը պողպատի պես հնչեղ էր։  — Սակայն ես մահկանացու այր չեմ։ Քո առջև կին է։ Ես Էովինն եմ, Էոմունդի դուստրը։ Դու կանգնած ես իմ՝ և իմ տիրակալի ու հարազատի միջև։ Զգուշացի՛ր, եթե անմահ չես․ ես կխողխողեմ քեզ, խավարի՛ ուրվական, եթե դիպչես նրան։ Թևավոր արարածը ծղրտաց նրա վրա, սակայն Մատանու Ուրվականը չպատասխանեց։ Նա լռում էր, ասես կասկածով համակված։ Մի ակնթարթ Մերին զարմանքով լցված հաղթահարեց կարկամածությունը։ Նա բացեց աչքերը, և սև մութը նահանջեց։ Մի քանի քայլ այն կողմ նստած էր հսկա մի հրեշ՝ շրջապատված սև մշուշով, իսկ նրա մեջքին խոյանում էր, ինչպես հուսահատության ստվեր, Նազգուլների Առաջնորդը։ Մի քիչ ձախ, նրանց դիմաց կանգնած էր նա, ում ինքը Դեռնհելմ էր անվանում։ Այժմ նա առանց սաղավարտի էր, և նրա պայծառ մազերը, կապանքներից ազատված, փայլատ ոսկու պես թափվում էին ուսերին։ Փոթորկածուփ ծովի պես մոխրագույն աչքերը խիստ էին ու բարկությամբ լի, բայց այտերով արցունքներ էին գլորվում։ Նրա ձեռքին թուր կար, իսկ վահանով պաաշտպանվում էր ուրվականի մահաբեր հայացքից։ Այո, Էովինն էր այդ, և, միևնույն ժամանակ, Դեռնհելմը։ Քանզի Մերիի գիտակցության մեջ փայլատակեց երիտասարդ դեմքը, որ տեսել էր Դունհորոուից հեռանալուց, դեմքը, որ գնում էր մահ փնտրելու՝ որևէ հույս չունենալով։ Նրա սիրտը լցվեց խղճահարությամբ ու մեծ զարմանքով, և հանկարծ նրա մեջ արթնացավ հոբիթական դանդաղաբորբ քաջությունը։ Նա սեղմեց ձեռքը։ Չի՛ կարելի թույլ տալ, որ նա մեռնի, այդքան գեղեցիկ, այդքան հուսահատ։ Ամեն դեպքում ինքը գոնե չի թողնի, որ նա մեռնի մենակ ու անպաշտպան։  Թշնամին նրան չէր նայում, բայց նա, միևնույնն է, չէր համարձակվում շարժվել՝ վախենալով, որ մահաբեր աչքերը կտեսնեն իրեն։ Դանդաղ-դանդաղ նա սկսեց սողալ մի կողմ, բայց Ուրվական Արքան, որ չար կասկածով համակված նայում էր աղջկան, այնքան ուշադրություն դարձրեց նրա վրա, որքան կդարձներ ցեխի մեջ սողացող որդին։ Հանկարծ թռչող հրեշը թափահարեց թևերը՝ գարշահոտ քամի ստեղծելով։ Նա կրկին բարձրացավ օդ, ծղրտաց ու արագ ընկավ Էովինի վրա՝ գործի դնելով կեռ կտուցն ու ճանկերը։ Բայց Էովինը նույնիսկ մեկ քայլ հետ չգնաց՝ Ռոհիրիմների դուստրը թագաավորական տոհմից, սլացիկ, ինչպես պողպատե շեղբը, հրաշագեղ, բայց սարսափելի։ Նա արագ մահացու և հմուտ հարված հասցրեց՝ մեկ հարվածով կտրելով առաջ ձգված պարանոցը, և գլուխը քարի պես ընկավ գետնին։ Էովինը հետ ցատկեց, և անգլուխ հրեշը փլվեց նրա առջև՝ թփրտալով, հսկայական թևերը տարածած։ Եվ նրա ընկնելով սև մշուշը ցրվեց․ շուրջը լուսավորվեց, աղջկա ոսկեգույն վարսերը փայլեցին ծագող արևի ճառագայթներից։  Խորտակված հրեշի վրա աճեց, բարձրացավ Սև Հեծյալի հզոր կերպարանքը՝ հսկայական, սարսափազդու։ Ատելության ճիչով, որը թունավոր կատաղությամբ ծվատում էր ականջները, նա իր գուրզով խորտակիչ հարված հասցրեց։ Էովինի վահանը մանր կտորների բաժանվեց․ աղջկա ձեռքը կոտրվեց, և նա ընկավ ծնկների վրա։ Ուրվական Արքան սև ամպի պես կռացավ նրա վրա, և նրա աչքերը չարարկու փայլեցին։ Նա կրկին բարձրացրեց գուրզը՝ վերջին, մահացու հարվածի համար։  Բայց հանկարծ ցավից ճչաց ու սաթաքեց, և նրա հարվածը նպատկակետին չհասավ՝ գուրզը խրվեց հողի մեջ։ Քանզի Մերիի թուրը, հետևից հարվածելով, պատռեց նրա սև թիկնոցը, անցավ օղազրահի տակով ու խրվեց ծնկի հետևի մկանային հյուսվածքի մեջ։  — Էովի՛ն, Էովի՛ն, ճչաց հոբիթը։ Եվ աղջիկը, հավաքելով վերջին ուժերը, իր թրով կտրող հարված հասցրեց թագի և թիկնոցի միջև, երբ հզոր ուսերը խոնարհվում էին նրա վրա։ Թուրը կոտրվեց՝ շողշողալով բազմաթիվ բեկորներով։ Թագ-պսակը զրնգալով գլորվեց։ Էովինն ընկավ իր տապալված թշնամու վրա, բայց ա՜յ քեզ հրաշք՝ թիկնոցն ու օղազրահը դատարկ էին։ Անձև լաթերի ու երկաթի կույտ էր միայն մնացել գետնին։ Եվ սարսափազդու ճիչ տարածվեց դողացող օդում, փոխվելով երկարատև կաղկանձի, քամու հետ քշվելով աստիճանաբար մարեց, դարձավ անմարմին, բարակ մի ձայն, որը մեռավ, կուլ գնաց ու այևս երբեք չլսվեց աշխարհի այդ դարաշրջանում։ Իսկ հոբիթ Մերիադոքը կանգնած մնաց այնտեղ, սպանվածների մեջ, թարթելով աչքերը՝ ինչպես բուն ցերեկային լույսից, որովհետև արցունքները կուրացնում էին նրան․ և ասես մշուշի միջով նա նայում էր անշարժ պառկած Էովինի ոսկեհեր գլխին։ Հետո նայեց իր փառքի գագաթնակետին ընկած թագավորի դեմքին։ Սպիտակբաշը հոգևարքի մեջ փոխել էր իր դիրքը և ազատել թագավորի մարմինը մահացու ծանրությունից՝ ճակատագրական դարձած նրա համար։ Մերին կռացավ և բարձացրեց թագավորի ձեռքը՝ համբուրելու համար։ Եվ հանկարծ Թեոդենը բացեց աչքերը՝ և դրանք ջինջ էին, և նա խոսում էր հանդարտ ձայնով, թեև դժվարությամբ։ — Մնաս բարով, պարոն հոլբիթլա,— ասաց նա։ — Իմ մարմինը ջարդված է։ Եկել է նախնիներիս միանալու ժամանակը, և նրանց փառահեղ ընկերակցությանը միանալով ես ամոթով չեմ մնա։ Ես խողխողեցի սև օձին։ Առավոտը մռայլ էր, բայց օրը պարզվեց, և մայրամուտը ոսկեփայլ կլինի։ Մերին չկարողացավ խոսել, նրան խեղդեցին արցունքները։ — Ներիր ինձ, տիրակալ,— վերջապես արտաբերեց նա,— որ խախտեցի հրամանդ, բայց և ոչինչ չարեցի, բացի բաժանման պահին լացելուց։ Ծեր թագավորը ժպտաց։ — Մի վշտացիր, այդ ներված է․ մեծ սրտի և քաջության համար ներում չեն խնդրում։ Ապրիր այժմ օրհնության մեջ, և երբ հանգիստ նստես ծխամորճ վայելելու, հիշիր ինձ։ Քանզի ես այլևս չեմ կարող նստել քեզ հետ Մեդուսելդում, ինչպես խոստացել էի, և լսել ծխատերևների մասին քո զրույցները։  Նա փակեց աչքերը, և Մերին կռացավ նրա վրա։ Բայց շուտով նորից խոսեց։ Որտե՞ղ է Էոմերը։ Իմ աչքերը մթնում են, և ես կուզեի տեսնել նրան գնալուց առաջ։ Նա պետք է թագավոր լինի ինձանից հետո։ Եվ ես ուզում եմ հրաժեշտի խոսքեր փոխանցել Էովինին։ Նա չէր ուզում, որ ես իրեն լքեմ, և ահա ես այլևս չեմ տեսնի նրան, ով հարազատ աղջկանից էլ թանկ էր։  — Տիրակա՛լ, տիրակա՛լ,— կմկմալով սկսեց Մերին,— նա, ախր․․․  Բայց այդ պահին մեծ աղմուկ բարձրացավ․ շուրջ բոլորը եղջերափողեր ու շեփորներ էին փչում։ Մերին շուրջը նայեց․ նա մոռացել էր պատերազմը և դրանից այն կողմ ամբողջ աշխարհը, և թվում էր, թե շատ ժամեր են անցել այն պահից, երբ թագավորը սլացավ դեպի իր հաղթական ավարտը, թեև իրականում շատ քիչ ժամանակ էր անցել։ Եվ այժմ նա տեսավ, որ իրենց մեծ վտանգ է սպառնում, որ իրենք գտնվում են մեծ ճակատամարտի կիզակետում, որը շուտով նոր թափով կվերսկսվի։  Թշնամական նոր ուժեր էին շտապում Գետից եկող ճանապարհով, պարիսպների տակից դուրս էին գալիս Մորգուլի հրոսակները, և հարավային դաշտերից մոտենում էր Հարադի հետևակազորն ու հեծելազորը, որոնց հետևում խոյանում էին վիթխարի մումակիլները՝ մարտական աշտարակները մեջքներին։ Բայց հյուսիսում Էոմերի ճերմակ մազափունջն էր․ նա գլխավորում էր Ռոհիրիմների մեծ ճակատը, որոնց կրկին հավաքել ու վերադասավորել էր, և Քաղաքից դուրս էին եկել պաշարված մարդկանց ողջ ուժերը, և Դոլ Ամրոթի արծաթե կարապը ծածանվում էր նրանց առջևում՝ քշելով թշնամուն Դարպասի մոտից։  Մի ակնթարթ Մերիի գլխում փայլատակեց․ «Իսկ ու՞ր է Գենդալֆը․ նա էստեղ չէ՞։ Նա, ախր, կարող էր փրկել թագավորին ու Էովինին»։ Հենց այդ պահին մոտ արշավեց Էոմերը՝ թագավորի թիկնազորի ողջ մնացած ասպետների հետ, որոնք կարողացել էին սանձել իրենց ձիերին։ Նրանք զարմացած նայում էին գիշատիչ արարածի լեշին, բայց ձիերը վախենում էին մոտենալ։ Էոմերն իջավ թամբից, և վիշտը պատեց նրա դեմքը, երբ նա մոտեցավ ընկած թագավորին ու լուռ կանգնեց նրա կողքին։ Ռազմիկներից մեկը վերցրեց թագավորական զինադրոշը մեռած զինակիր Գութլաֆի ձեռքից և բարձրացրեց։ Թեոդենը դանդաղ բացեց աչքերը։ Տեսնելով զինադրոշը, նա գլխով արեց՝ հասկացնելով, որ այն պետք է տրվի Էոմերին։  — Ողջույն, Մարկի թագավոր,— ասաց նա։ — Գնա՛, հաղթանակի՛ր։ Եվ Հրաժեշտ կտաս Էովինին։ Եվ մեռավ՝ այդպես էլ չիմանալով, որ Էովինը պառկած է իր կողքին։ Իսկ կողքին կանգնածները լալիս էին՝ բացականչելով․ — Թագավո՛ր Թեոդեն, թագավո՛ր Թեոդեն։ Եվ Էոմերն ասաց նրանց․ <poem>Մի՛ սգացեք գլխիկոր, մեծություն է ընկածը,Ընկավ ինչպես վայել է։ Երբ պատրաստ լինի դամբարանը՝Թող այդժամ սգան բոլորը, իսկ հիմա կանչում է մարտը։</poem>  Այդպես ասաց նա, բայց ինքն էլ էր լալիս։ — Թող նրա ասպետները մնան այստեղ,— ասաց նա,— և պատվով նրա մարմինը դուրս հանեն մարտի դաշտից։ Եվ թագավորի մյուս մարդկանց նույնպես, որ պառկած են այստեղ։  Նա նայեց սպանվածներին՝ հիշելով նրանց անունները։ Եվ հանկարծ տեսավ իր քույր Էովինին ու ճանաչեց նրան։ Նա ցնցվեց, ինչպես մարդը՝ ում սիրտը նետ է խրվել ճիչը բերանին, և նրա դեմքը մահացու ճերմակություն ստացավ։ Սառը կատաղություն ծառացավ նրա մեջ և որոշ ժամանակ զրկեց նրան խոսելու ունակությունից։ Իսկ հետո նա ասես խելագարվեց։ — Էովի՛ն, Էովի՛ն,— ճչաց նա,— ինչպե՞ս այստեղ հայտնվեցիր։ Այս ի՞նչ խելագարություն է կամ չարի հմայանք։ Մա՛հ, մա՛հ, մա՛հ, մահը տանում է մեզ բոլորիս։ Հետո, չսպասելով գոնդորցիների մոտենալուն և խորհուրդ չանելով, նա հեծավ ձիուն ու սլացավ թշնամական մեծ զորքին դեմ հանդիման՝ ուժեղ փչելով եղջերափողն ու կոչ անելով հարձակման։ Դաշտի վրա հնչեց նրա պարզ, հնչեղ ձայնը․ — Մա՛հ, առա՛ջ, առա՛ջ դեպի մահ և աշխարհի վերջ։ Եվ զորքն առաջ շարժվեց, բայց ռոհանցիներն այլևս չէին երգում։ Մա՛հ էին գոչում նրանք մեկ ձայնով, բարձր և ահազդու, և արագություն հավաքելով, ինչպես մեծ ալիքը, անցան իրենց ընկած թագավորի մոտով ու հեղեղեցին դաշտի հարավային մասը։ Իսկ հոբիթ Մերիադոքը դեռ կանգնած էր այնտեղ, արցունքներից միջից աչքերը թարթելով, և ոչ ոք նրա հետ չխոսեց, և առհասարակ, կարծես ոչ ոք նրան չնկատեց։ Նա մաքրեց արցունքներն ու կռանալով, բարձրացրեց կանաչ վահանը, որ Էովինն էր տվել, ապա կախեց մեջքին։ Հետո սկսեց հայացքով փնտրել իր թուրը․ հարվածը հասցնելիս նրա ձեռքը փայտացել էր, և այժմ անշարժ կախված էր, նա կարող էր օգտագործել միայն ձախ ձեռքը։ Ահա այն, ընկած է գետնին․․․ Բայց սա ի՞նչ է։ Շեղբը ծխում էր, ինչպես կրակն ընկած չոր ճյուղը, և մինչ նա նայում էր, այն բարակեց, ծռմռվեց ու անհետացավ։ Այդպիսին էր վերջը Գերեզմանոցի թրի, կռված հնագույն արևմուտքի մարդկանց կողմից։ Եվ զինագործը, ով շատ հեռավոր ժամանակներում դանդաղ-դանդաղ կռել էր այն Հյուսիսային Թագավորությունում, երբ Դունադանները դեռ երիտասարդ էին, և նրանց գլխավոր թշնամին Անգմար թագավորությունն էր ու նրանց Կախարդ Արքան, շատ կուրախանար, իմանալով, թե ինչ ճակատագիր է ունեցել իր կռած թուը։ Ոչ մի այլ շեղբ, եթե նույնիսկ այն լիներ հզոր ձեռքերում, չէր կարող վիրավորել այդպիսի թշնամուն՝ կտրելով նրա ուրվական մարմինը և քանդելով հմայանքը, որ կապում էր նրա անտեսանելի մարմինն ու կամքը։  Մարդիկ բարձրացրին թագավորին՝ դնելով նիզակների վրա թիկնոց գցված պատգարակի վրա, և շարժվեցին դեպի Քաղաքը։ Ուրիշները զգուշորեն բարձրացրին Էովինին ու հետևեցին նրանց։ Սակայն թագավորական տան մարդկանց նրանք դեռ չէին կարող տանել․ այնտեղ ընկել էին թագավորական տան յոթ աասպետ, որոնց մեջ էր նաև նրանց գլխավորը՝ Դեորվինը։ Նրանց առանձնացրին թշնամիների դիակներից ու գիշատիչ արարածից և շրջապատեցին նիզակներով։ Երբ ամեն ինչ ավարտված էր, նրանք վերադարձան, խարույկ վառեցին ու այրեցին սարսափելի թռչունի մարմինը, իսկ Սպիտակբաշի համար գերեզման փորեցին և քար դրեցին, որի վրա Ռոհանի և Գոնդորի լեզվով փորագրված էր․  <poem>Հավատարիմ նժույգ էր, բայց՝ իր տիրոջ անեծքըԹեթևոտնի քուռակ արագավազ Սպիտակբաշը։</poem>  Երկար ու կանաչ խոտ էր աճում հետագայում Սպիտակբաշի դամբանաթմբին, բայց մշտապես սև ու լերկ մնաց հողը այնտեղ, որտեղ հրկիզվել էր թևավոր հրեշը։ Մերին դանդաղ ու տխուր քայլում էր պատգարակը տանողների կողքով և այլևս ուշադրություն չէր դարձնում ճակատամարտին։ Նա հոգնած էր, ամբողջ մարմինը ցավում էր, ձեռքերն ու ոտքերը դողում էին՝ ասես ցրտից։ Ծովից եկող քամին ուժեղ անձրև բերեց, և թվում էր, թե երկինքն էլ է սգում Թեոդենին ու Էովինին՝ մոխրագույն արցունքներով հանգցնելով Քաղաքի կրակները։ Ասես մառախուղի միջից, Մերին տեսավ մոտեցող գոնդորցիների առաջին շարքերը։ Իմրահիլը՝ Դոլ Ամրոթի իշխանը, մոտ արշավեց ու սանձեց ձիուն։ — Այդ ի՞նչ բեռ եք կրում Ռոհանի՛ մարդիկ,— բացականչեց նա։  — Թեոդեն թագավորին ենք տանում,— պատասխանեցին մարդիկ։ — Նա մահացել է։ Բայց այժմ Էոմեր թագավորն է մարտի ելել՝ քամուն տված սաղավարտի ճերմակ մազափունջը։  Իշխանն իջավ ձիուց և ծնկի եկավ պատգարակի դիմաց՝ փառաբանելով թագավորին ու նրա ահեղ գրոհը, և չկարողացավ զսպել արցունքները։ Վեր կենալով, նա նայեց Էովինին զարմանք ապրեց։ — Բայց ախր սա կի՜ն է,— բացականչեց նա։ — Մի՞թե նույնիսկ Ռոհանի կանայք են հասել օգնության մեծ պատերազմում։  — Ոչ, նրանցից միայն մեկը,— պատասխանեցին նրան։ — Տիրուհի Էովինը, Էոմերի քույրը, և մինչ այժմ մենք ոչինչ չգիտեինք այդ մասին, ու հիմա դառը սգում ենք։ Իշխանի աչքից չվրիպեց նրա գեղեկությունը, թեև դեմքը գունատ էր ու սառը, և նա, կռանալով, դիպավ աղջկա ձեռքին։ — Ռոհա՛նի մարդիկ,— բացականչեց նա,— մի՞թե ձեր մեջ բուժակ չկա։ Նա վիրավոր է և, հնարավոր է՝ մահացու, բայց ես տեսնում եմ, որ նա դեռ ողջ է։ Նա իր ձեռքից հանեց ողորկ ապարանջանը և մոտեցրեց Էովինի սառը շրթունքներին․ մետաղի փայլուն մակերեսը թեթև, գրեթե աննկատելի մշուշվեց։ — Հարկավոր է շտապել,— ասաց իշխանը և իր մարդկանցից մեկին ուղարկեց Քաղաք օգնություն բերելու։ Իսկ ինքը խորը գլուխ տվեց ընկածներին, հրաժեշտի խոսքեր ասաց և արշավեց մարտի։ Իսկ Պելլենորի դաշտերում ճակատամարտը վերսկսվել էր նոր թափով՝ զենքերի շաչյուն էր լսվում ամենուրեք, մարդկանց ճիչեր, աղաղակներ և ձիերի խրխնջոց։ Հնչում էին եղջերափողերը, փչում էին շեփորները, կատաղի մռնչում էին մարտի տարվող մումակիլները։ Քաղաքի հարավային մասում Գոնդորի հետևակազորը մարտի էր բռնվել Մորգուլի հրոսակների հետ, որոնք դեռևս բավական ուժեղ էին ու մեծաքանակ։ Բայց հեծելազորն արշավել էր արևելք՝ Էոմերին օգնության․ Հուրին Բարձրահասակը՝ բանալիների պահապանը, Լոսարնախի տիրակալը, և Հիրլուինը՝ Կանաչ Բլուրներից, և իշխան Իմրահիլն իր ասպետներով։ Եվ նրանք ժամանակին հասան Ռոհիրիմներին օգնության։ Քանզի հաջողությունը շրջվել էր Էոմերի դեմ, և նրա կատաղությունը դավաճանել էր նրան։ Կատաղի գրոհը տապալել էր թշնամիների ճակատը, ռոհանցիների մեծ նիզակները խրվել էին հարավցիների շարքերի մեջ՝ ցիրուցան անելով հեծյալներին և ոտնատակ տալով հետևակ զինվորներին։ Սակայն մումակիլներից ձիերը վախենում էին․ շրջվում էին ու վրնջալով փախչում նրանց ճանապարհից։ Եվ հսկայական հրեշները չէին կռվում, այլ կանգնած էին, ինչպես պաշտպանական աշտարակներ, և Հարադրիմները հավաքվում էին նրանց շուրջը։ Եթե մարտի սկզբում հարադցիները ռոհանցիներից երեք անգամ ավելի էին, ապա այժմ դրությունն ավելի էր ծանրացել, քանզի Օսգիլիաթից օժանդակ ուժ էր մարտի դաշտ ելել։ Դրանց պահել էին թիկունքում՝ Քաղաքն ասպատակելու, ավերելու ու թալանելու համար, և նրանք սպասում էին իրենց զորավարի հրամանին։ Այժմ, երբ նա ոչնչացված էր, Գոթմոգը՝ Մորգուլի օրքերի առաջնորդն էր նրանց մարտի բերել։ Նրանց մեջ կային կացիններով զինված արևելացիներ, Քհանդից ժամանած Վարյագներ, կարմիր հանդերձներով հարավի մարդիկ և Հեռավոր Հարադից ժամանած Սև մարդիկ՝ նման կիսաթրոլների, սպիտակ աչքերով և կարմիր լեզուներով։ Մի մասը սլանում էին Ռոհիրիմների թիկունքը, մյուսները արևմուտք էին շտապում, որպեսզի խանգարեն գոնդորցիներին միանալ ռոհանցիներին։ Հենց այդ ժամանակ, երբ հաջողությունն սկսեց դավաճանել Գոնդորին, և պաշտպանների հույսը տատանվեց, Քաղաքից աղաղակներ լսվեցին։ Գրեթե կեսօր էր, ուժեղ քամի էր փչում, անձրևը քշվել էր հյուսիս, և փայլում էր արևը։ Օդը մաքրվել էր, և պարիսպների վրայի պահակները հեռվում սարսափելի մի տեսարան տեսան, և վերջին հույսը լքեց նրանց։ Հարլոնդի շրջադարձից այն կողմ Անդուինը տեսանելի էր ևս մի քանի լիգ, իսկ հեռատեսները կարող էին նույնիսկ նկատել յուրաքանչյուր մոտեցող նավ։ Եվ, այնտեղ նայելով, պահակները սարսափահար ճչացին, որովհետև փայլփլուն ջրի վրա սևին տվող հսկա նավատորմ տեսան՝ մեծ թիանավեր և բարձր կայմերով նավեր՝ քամուց փքված առագաստներով։  — Ումբարի ծովահեննե՛րը,— ճչում էին մարդիկ,— Ումբարի ծովահեննե՜րը, տեսե՛ք, Ումբարի ծովհեննե՜րն են գալիս։ Ուրեմն Բելֆալասը գրավված է, Էթիրն ու Լեբինինը՝ նույնպես։ Ծովահեններն այստեղ են, սա ճակատագրի վերջին հարվա՛ծն է։ Եվ ոմանք, առանց հրամանի սպասելու, որովհետև հրամայող չէր մնացել Քաղաքում, վազեցին դեպի զանգերը և տագնապ հնչեցրին, իսկ ոմանք էլ՝ նահանջ ազդարարող փողեր։  — Վերադարձեք պատերի մո՜տ,— կանչում էին նրանք։ — Վերադարձե՜ք։ Հետ եկեք Քաղաք, քանի դեռ բոլորիդ չեն ոչնչացրել։  Բայց նավատորմը բերող քամին ցրում էր նրանց բարձրացրած ամբողջ աղմուկը։ Ռոհիրիմները, սակայն, լուրերի կամ տագնապի կարիք չունեին, նրանք չափազանց լավ էին տեսնում սև առագաստները։ Որովհետև Էոմերը գտնվում էր Հարլոնդից ընդամենը մեկ մղոն հեռավորության վրա, և նրանց ու նավահանգստի միջև թշնամու հրոսակներ էին կանգնած, իսկ հետևից նորանոր թշնամիներ էին մոտենում՝ կտրելով նրան իշխան Իմրահիլից։ Նա նայեց Գետին, և հույսը մեռավ նրա սրտում, և մինչ այդ օրհնված քամին նա անիծված անվանեց։ Իսկ Մորդորի զորքերը ոգևորվեցին, ապա ուրախության աղաղակներով ու նոր կատաղությամբ գրոհի նետվեցին։  Բայց Էոմերն արդեն տիրապետել էր իրեն, սառնարյունությունը վերադարձել էր, միտքը՝ պարզվել։ Նա նշան արեց փչել փողերը, որպեսզի բոլորը, ովքեր դեռ ի վիճակի են կռվել, հավաքվեն իր դրոշի տակ։ Քանզի նա մտածել էր վահանների մեծ պատ կառուցել և կռվել տեղում կանգնած, առանց ձիերի, մինչև բոլորը կընկնեն Պելլենորի դաշտերում երգի արժանի մեծ սխրանքներ գործելով, թեև արևմուտքում չի մնա ոչ ոք, ով կհիշեր Ռոհանի վերջին թագավորին։  Այդպես, նա բարձրացավ կանաչ բլրի վրա և իր զինադրոշը ցցեց այնտեղ․ և ճերմակ ձին, քամուց ծածանվելով, կարծես սուրաց։ <poem>Կասկածը հետևում թողնելով, դուրս եկա մթից լուսաբացին ընդառաջ,Սլանում եմ դեպի արևը, երգելով, թուրս մերկացրած։Արշավում էի, մինչև հույսը մարելը, ու սիրտս կոտրվեց,Մնացել է միայն զայրույթ, կործանում, և կարմիր գիշեր։</poem>  Այսպիսի բառեր արտասանեց նա, և ծիծաղում էր դրանք ասելուց։ Քանզի պատերազմի կիրքը հերթական անգամ բորբոքվել էր նրա մեջ, և նա դեռ անվնաս էր, և նա դեռ ջահել էր, և նա թագավոր էր՝ հզոր ժողովրդի տիրակալ։ Եվ ահա, նույնիսկ հուսահատության վրա ծիծաղելով, նա հայացքն ուղղեց դեպի սև նավերը և բարձրացրեց թուրը՝ նրանց մարտահրավեր նետելով։ Եվ հանկարծ զարմանք, ապա մեծ ուրախություն պատեց նրան։ Նա վեր նետեց արևի լույսից ցոլացող իր թուրը և օդում որսալով այն՝ երգեց։ Բոլորը նրա հետևից նայեցին Գետին՝ և ա՜յ քեզ հրաշք․ առաջնային նավն արդեն մոտենում էր Հարլոնդին, ու քամին ցույց տվեց մեծ դրոշը՝ ծաղկող Սպիտակ Ծառի պատկերով։ Եվ դա Գոնդորի նշանն էր, բայց շուրջը յոթ աստղ էր պատկերված և վերևում՝ բարձր թագ։ Էլենդիլի նշանն էր, որը երկար դարեր ոչ մի տիրակալ չէր կրել։ Եվ աստղերը շողշողում էին արևի տակ, քանզի դրանք պատրաստել էր Արվենը՝ Էլրոնդի դուստրը, թանկագին քարերից․ և թագը նույնպես շողում էր, որովհետև պատրաստված էր միթրիլից ու ոսկուց։  Այդպես հայտնվեց Արագորնը, Արաթհորնի որդին, Էլլեսարը, Իսիլդուրի ժառանգը․ Մեռածների արահետով և ծովային քամու թևով՝ ժամանելով Գոնդոր թագավորություն։ Եվ ռոհանցիներն աղաղակեցին ուրախ ծիծաղով, թափահարելով թրերը, իսկ զարմացած և ցնծացող Քաղաքում փչեցին շեփորներն ու ղողանջեցին զանգերը։ Եվ Մորդորի զորքերը լցվեցին տարակուսանքով, և նրանց մեծ կախարդություն թվաց, որ իրենց նավերը լցված են իրենց իսկ թշնամիներով․ սև սարսափը պատեց նրանց, և նրանք հասկացան, որ ճակատագրի ալիքն իրենց դեմ է շրջվել, և վերջը մոտ է։  Արևելք էին արշավում Դոլ Ամրոթի ասպետները՝ առջևից քշելով թշնամիներին՝ մարդ-թրոլներին, Վարյագներին և արևի լույսն ատող օրքերին։ Հարավ էր ընթանում Էոմերը, և մարդիկ փախչում էին նրա երեսը տեսնելով ու հայտնվում մուրճի և զնդանի արանքում։ Քանզի Հարլոնդի նավահանգստում մարդիկ թռչում էին նավերից ու նետվում հյուսիս, ինչպես հեղեղը։ Նրանց մեջ էին Լեգոլասը, Գիմլին իր տապարով, և Հալբբարադը՝ զինադրոշով, Էլլադանն ու Էլրոհիրը՝ աստղերը ճակատներին, և խստադեմ Դունադանները՝ հյուսիսի հետքագետները, իսկ նրանց հետևից գալիս էին խիզախ ռազմիկներ՝ Լեբինինից, Լամեդոնից և հարավային այլ նահանգներից։ Իսկ բոլորի առջևից սլանում էր Արագորնը՝ ձեռքին բռնած շողշողացող Արևմուտքի Կայծակը՝ Անդուրիլը, ոչ պակաս ահեղ, քան Նարսիլը հնում։ Եվ նրա ճակատին փայլում էր Էլենդիլի աստղը։ Եվ ահա վերջապես Էոմերն ու Արագորնը հանդիպեցին ռազմի դաշտում։ Հենվելով իրենց թրերին, նրանք նայեցին իրար և ուրախ ողջունեցին։ — Այսպիսով մենք կրկին հանդիպեցինք, թեև մեր միջև փռված էր Մորդորի ողջ զորքը,— ասաց Արագորնը։ — Մի՞թե այդպիսին չէին Հորնբուրգում ասված իմ խոսքերը։ — Այո, այդպիսին էին,— ծիծաղեց Էոմերը,— բայց հույսը հաճախ է խաբուսիկ լինում, իսկ ես այն ժամանակ չգիտեի, որ դու նաև հեռատես ես։ Բայց և այնպես կրկնակի օրհնված է չսպասված օգնությունը, և բարեկամների հանդիպումն էլ երբեք այսքան ուրախալի չէր եղել։  Նրանք միմյանց ձեռք սեղմեցին։ — Իսկապես, ամենասպասված ժամանակին,— ասաց Էոմերը։ — Այնքան էլ շուտ չհայտնվեցիր, բարեկամս, մենք արդեն մեծ վիշտ և ծանր կորուստներ ենք կրել։ — Ուրեմն եկ վրեժխնդիր լինենք նախքան այդ մասին խոսելը,— ասաց Արագորնը, և նրանք միասին նետվեցին մարտի։ Նրանք դեռ պետք է երկար ու դաժան մարտեր վարեին, քանզի հարավցիները համարձակ ու մռայլ մարդիկ էին և կռվում էին հուսահատ կատաղությամբ։ Արևելացիները նույնպես ուժեղ, ռազմատենչ մարդիկ էին ու ներում չէին աղերսում։ Այրված բակում կամ մարագում, բլուրների ու բլրակների վրա, պատի տակ կամ դաշտում նրանք նորից հավաքվում էին, բռունցք կազմում ու կռվում, ու այդպես մինչև երեկո։  Վերջապես արևը մտավ Մինդոլուինի հետևը և բոցավառեց ամբողջ երկինքը՝ բլուրներն ու լեռները ներկելով արյունով։ Կրակ էր շողում Գետում, և Պելլենորյան դաշտավայրի խոտը մայրամուտից բոսորագույն էր դարձել։ Եվ հենց այդ ժամին ավարտվեց Մեծ Ճակատամարտը Գոնդորի դաշտերում, և ոչ մի կենդանի թշնամի չմնաց Ռամմասի օղակում։ Բոլորը սպանված էին, բացի նրանցից, ովքեր փախել էին, որ իրենց մահը գտնեին Գետի ջրերի կարմիր փրփուրների մեջ։ Հնարավոր է, քչերը կարողացան փրկվել և հասնել Մորգուլ կամ Մորդոր, բայց Հարադրիմ ոչ ոք չհասավ, միայն պատմություններ հսան այնտեղ Գոնդորի ցասման և վրեժի մասին։ Արագորնը, Էոմերն ու Իմրահիլը ընթանում էին դեպի Քաղաքի դարպասը, և նրանք հոգնել էին վշտից ու ուրախությունից առավել։ Երեքն էլ աանվնաս էին, քանզի այդպիսին էր նրանց բախտը, զենք բանեցնելու հմտությունն ու ուժը, և քչերը կարող էին դիմանալ նրանց գրոհին կամ սիրտ անել նայել նրանց կողմը ցասման ժամին։ Սակայն մյուսներից շատերը վիրավորվել էին, խեղվել կամ սպանվել դաշտում։ Ֆորլոնգը, կորցնելով ձիուն, կռվել էր միայնակ և սպանվել կացիններով, Մորթոնդցի Դուիլինին և նրա եղբորը ոտնատակ էր տվել մումակիլը, երբ նրանք իրենց նետաձիգների հետ մոտեցել էին գազաններին՝ աչքերը նետահարելու նպատակով։ Հիրլուին Ոսկեհերն այլևս չէր վերադառնալու հարազատ Փինաթ Գելին, Գրմբոլդը՝ Գրիմսլեյդ, սպանվել էր և խստադեմ Հարբարադը՝ հյուսիսցի հետքագետը։ Շատերն էին ընկել, անվանի և անանուն, հրամանատար և ռազմիկ, քանզի դա մեծ ճակատամարտ էր, բայց մանրամասների մասին ոչ մի առասպել չի կարող պատմել։ Շատ տարիներ անց Ռոհանի աշուղներից մեկը այսպես էր երգում Մունդբուրգի գերեզմանների մասին․ <poem>Լսում էինք բլուրներում հնչող փողերը,Հարավային թագավորությունում փայլում էին թրերը,Ձիերը սլանում էին դեպի Քար-քաղաք ինչպես քամին առվոտյան։ Եվ սկսեց մարտը։Այնտեղ ընկավ Թեոդենը, Թենգելի հզոր որդին,Չի տեսնի նա այլևս կանաչ դաշտեր ու ոսկե դահլիճ,Չի վերադառնա իր հյուսիսային սիրելի երկիրը՝Ձիապանների տիրակալը։ Հարդինգն ու Գութլաֆը,Դունհերն ու Դեորվինը, քաջարի Գրիմբոլդը,Հերեֆարան ու Հերուբրանդը, Հորնն ու Ֆասթրեդը,Մարտնչեցին կատաղորեն հեռավոր երկրում ու ընկան բոլորը։Մունբուրգի գերեզմաններում պառկած են նրանք հողի տակԳոնդորցի հրամանատարների կողքին, մարտական ընկերներ են նրանք։Ո՛չ Հիրլուին Ոսկեհերը վերադարձավ ծովափնյա բլուրներ,Ո՛չ Ֆորլոնգ ծերը՝ Լոսարնախի ծաղկող հովիտներ,Ո՛չ էլ նետաձիգներ Դերուֆինն ու ԴուիլինըԱյլևս չեն տեսնի Մորթոնդի հովտի իրենց մութ ջրերը։Մահը տարավ նրանց բոլորին՝ առավոտից իրիկուն,Չխնայեց ո՛չ հրամանատար, ո՛չ էլ ռազմիկ շարքային,Վաղուց են քնած նրանք կանաչ խոտի տակ Մեծ Գետի ափին։Հոսում են հանդարտ, մոխրագույն ջրերը ինչպես արցունքներ,Իսկ այն ժամանակ կարմիր էին կտրել, վշտից հորդացել,Փրփուրը ներկվել էր արյունով ու բոցավառվել մայրամուտին,լեռները վառվում էին առանց կրակի, ինչպես փարոսներ։Կարմիր էր ցողը հաջորդ առավոտ Ռամմաս Էքորում։</poem> ====Գլուխ յոթերորդ․ Դենեթորի Խարույկը==== Սև Ստվերը Դարպասի մոտից հետ քաշվեց, սակայն Գենդալֆը շարունակում էր անշարժ մնալ։ Իսկ Փիփինը ոտքի կանգնեց, ասես նրա վրայից մեծ ծանրություն ընկավ։ Նա կանգնած լսում էր եղջերափողերի ձայները և նրան թվում էր, թե հիմա իր սիրտը կպայթի ուրախությունից։ Եվ հետագայում էլ, ամբողջ կյանքի ընթացքում, հեռվից եկող եղջերափողի ձայն լսելիս նրա աչքերում արցունքներ էին հայտնվում։ Բայց հիմա նա հանկարծ հիշեց, թե ինչի համար էր եկել ու վազեց առաջ։ Այդ պահին Գենդալֆը շարժվեց և խոսեց Լուսաչի հետ՝ պատրաստվելով անցնել Դարպասը։ — Գե՛նդալֆ, Գե՛նդալֆ,— կանչեց Փիփինը, և Լուսաչը կանգ առավ։ — Ի՞նչ ես անում այստեղ,— հարցրեց Գենդալֆը։ — Մի՞թե չգիտես Քաղաքի օրենքը, որ արծաթասև հագնողները չպետք է լքեն Միջնաբերդը՝ առանց Տիրակալի թույլտվության։ — Ես թույլտվություն ունեմ,— պատասխանեց Փիփինը։ — Նա ինձ հեռացրել է, ու ես շատ վախեցած եմ։ Էնտեղ, վերևում, սարսափելի բան կարող է կատարվել։ Ինձ թվում է, Տիրակալը ցնորվել է․ վախենում եմ, որ նա իրեն կսպանի, և Ֆարամիրին էլ կսպանի։ Չե՞ս կարող ինչ-որ բան անել։ Գենդալֆը նայեց Դարպասից այն կողմ և լսեց ուժգնացող ճակատամարտի աղմուկը դաշտերում։ — Ես պետք է գնամ,— ասաց նա։ — Սև Հեծյալն այնտեղ է, և նա դեռ կարող է մեզ կործանման հասցնել։ Ես ժամանակ չունեմ։ — Բայց ախր Ֆարամի՛րը,— բացականչեց Փիփինը։ — Նա չի մեռել, նրանք կենդանի կայրեն նրան, եթե ինչ-որ մեկը նրանց չկանգնեցնի։ — Կենդանի կայրե՞ն,— կրկնեց Գենդալֆը։ — Այդ ի՞նչ նոր հեքիաթ է, պատմիր, արա՛գ։ — Դենեթորը գնաց դամբարանների մոտ,— սկսեց Փիփինը,— Ֆարամիրին էլ տարավ հետը, և նա ասում է, որ բոլորս պիտի այրվենք, իսկ ինքը չի ուզում սպասել, ուզում է, որ խարույկ վառեն ու այրեն իրեն ու Ֆարամիրն։ Նա մարդկանց ուղարկեց յուղ ու փայտ բերելու։ Ես Բերեգոնդին ասացի, բայց վախենում եմ, որ նա չհամարձակվի լքել իր դիրքը։ Նա հիմա պահակ է։ Եվ առհասարակ, նա ի՞նչ կարող է անել։ — եվ նա մի շնչով պատմեց ամեն ինչ՝ դողացող ձեռքերով հպվելով Գենդալֆի ծնկին։ — Մի՞թե դու չես կարող փրկել Ֆարամիրին, Գենդալֆ։ — Գուցե և կարող եմ,— պատասխանեց Գենդալֆը,— բայց եթե ես այդ անեմ, կմեռնեն ուրիշները։ Ինչ արած, գնանք, որովհետև այլ օգնություն նրան չի կարող հասնել։ Բայց դրանից բխող վատ հետևանքներ են լինելու։ Այո, նույնիսկ Միջնաբերդի սրտում Թշնամին մեզ հարվածելու զորություն ունի՝ այդ նրա կամքն է այնտեղ գործում։ Որոշում ընդունելով, նա այլևս չհապաղեց․ ընթացքի ժամանակ որսալով Փիփինին՝ նստեցրեց իր առջև, և Լուսաչը վարգեց Քաղաք։ Նրանք սլանում էին Մինաս Թիրիթի բարձրացող փողոցներով, իսկ հետևում ընթացող ճակատամարտի աղմուկը գնալով ուժեղանում էր։ Ամենուր մարդիկ ուշքի էին գալիս սարսափի ճիրաններից, ճանկում զենքերն և ձայնում իրար․ — Ռո՜հանը, Ռոհանն է եկե՜լ։  Կանչում էին հրամանատարները՝ ռազմիկները հավաքվում էին, շատերն արդեն գնում էին դեպի Դարպասը։ Նրանք հանդիպեցին իշխան Իմրահիլին, և նա ձայնեց նրանց․ — Այդ ու՞ր, Միթրանդիր․ Ռոհիրիմները մարտնչում են Գոնդորի դաշտերում, մենք պետք է հավաքենք մեր ամբողջ ուժերը։ — Հավաքիր բոլորին, մինչև վերջին մարդը և նույնիսկ ավելին,— ասաց Գենդալֆը։ — Եվ շտապիր, ժամանակ մի կորցնիր։ Ես կգամ, հենց կարողանամ։ Բայց հիմա անհետաձգելի գործ ունեմ Դենեթորի մոտ։ Քեզ վրա վերցրու հրամանատարությունը Տիրակալի փոխարեն։ Նրանք շարունակեցին գնալ, և որքան մոտենում էին Միջնաբերդին, այնքան քամին ուժեղանում էր, փչում նրանց դեմքերին, և նրանք տեսան լուսաբացի ցոլքը հեռվում՝ հարավում, որ գնալով մեծանում էր։ Բայց դա նրանց քիչ հույս բերեց, որովհետև չգիտեին, թե ինչ չարիք է սպասվում իրենց առջևում, և վախենում էին չափազանց ուշ հասնել։ — Խավարը ցրվում է,— ասաց Գենդալֆը։ — Բայց Քաղաքում այն դեռ ծանր է։ Միջնաբերդի դարպասի մոտ նրանք պահակներ չգտան։  — Ուրեմն Բերեգոնդը գնացել է այնտեղ,— հուսադրվեց Փիփինը։ Նրանք շրջվեցին ու շտապեցին դեպի Փակ Դուռը տանող ճանապարհով։ Այն լայն բացված էր, և դռան առջևում փռված էր դռնապանը։ Նա սպանված էր, բանալի չկար մոտը, երևում է՝ վերցրել էին։ — Թշնամու գործն է,— ասաց Գենդալֆը։ — Նրան ուրախացնում են նման բաները՝ երբ ընկերը սպանում է ընկերոջը, խառնաշփոթ է տիրում սրտերում և հավատարմությունը տարբեր կերպ է ընկալվում։  Նա իջավ ձիուց և հրամայեց Լուսաչին վերադառնալ իր ախոռը։  — Մենք պետք է հիմա դաշտում լինեինք, իմ ընկեր,— ասաց նա։ — Սակայն ստիպված ենք հետաձգել, ինձ այլ գործեր են սպասում։ Ամեն դեպքում, արագ ինձ մոտ արի, երբ լսես կանչս։ Նրանք անցան դուռը և գնացին զառիվայր, ոլորապտույտ ճանապարհով։ Լուսանում էր, և ճանապարհի երկայնքով ձգվող բարձր սյուներն ու քանդակները թվում էին դանդաղ անցնող մոխրագույն ուրվականներ։  Հանկարծ լռությունը խախտեցին ներքևում լսվող ճիչերն ու թրերի զրնգոցը՝ այդպիսի ձայներ այդ սրբազան վայրում չէին լսվել Քաղաքի կառուցման օրերից ի վեր։ Վերջապես նրանք հասան Ռաթ Դինեն և շտապեցին Փոխարքաների Տուն, որի հսկայական գմբեթն ուրվագծվում էր մթնշաղում։ — Կա՛նգ առեք, կա՛նգ առեք,— ճչաց Գենդալֆը՝ նետվելով դեպի դուռը տանող քարե սանդուղքը։ — Վե՛րջ տվեք այդ խելագարությանը։ Դենեթորի սպասավորները ջահերով ու թրերով հարձակվել էին Պահապանի արծաթասև հագուստներով Բերեգոնդի վրա, իսկ նա, ամենավերևի աստիճանին կանգնած, պաշտպանում էր շեմը։ Նրանցից երկուսն արդեն ընկել էին նրա թրից՝ արյունով ներկելով դամբարանի հատակը․ մյուսները անիծում էին նրան՝ անվանելով հանցագործ ու դավաճան։  Առաջ վազելով՝ Գենդալֆն ու Փիփինը լսեցին մահացածների տանից եկող Դենեթորի ճիչը․  — Շտապե՛ք, արագացրե՛ք։ Արեք, ինչպես հրամայել եմ, սպանե՛ք դավաճանին։ Թե՞ ես ինքս պետք է այդ անեմ։  Դուռը, որ Բերեգոնդը պահում էր ձախ ձեռքով, հանկարծ բացվեց, և հետևում հայտնվեց Քաղաքի Տիրակալը՝ վեհաշուք, ահարկու․ աչքերում փայլում էր կրակը, ձեռքին բռնել էր մերկացրած թուրը։  Բայց Գենդալֆը մի ցատկով հայտնվեց աստիճաններին, և մարդիկ նահանջեցին նրա առջև, քանզի նրա հայտնվելը նման էր մութ վայրում լույսի բռնկման, և մեծ էր նրա զայրույթը։ Նա բարձրացրեց ձեռքը՝ և Դենեթորի հարվածելու պատրաստ թուրը թռավ նրա ձեռքից ու ընկավ թիկունքում ինչ-որ տեղ՝ դամբարանի մթության մեջ։ Զարմացած Դենեթորը նահանջեց Գենդալֆի առջև։ — Այս ի՞նչ է կատարվում, տիրակա՛լ,— խստորեն հարցրեց Գենդալֆը։ — Մահացածների տանը տեղ չկա ապրողների համար։ Եվ ինչու՞ են մարդիկ կռվում այստեղ, դամբարանային սրահներում, երբ իրական կռիվը Դարպասի առջև է։ Եվ կամ մի՞թե մեր Թշնամին արդեն Ռաթ Դինեն է նույնիսկ թափանցել։  — Այդ երբվանի՞ց է Գոնդորի Տիրակալը պարտավոր պատասխան տալ քո առջև,— պատասխանեց Դենեթորը։ — Թե՞ ես իրևավունք չունեմ հրամայել իմ ծառաներին։ — Ունես,— ասաց Գենդալֆը։ — Սակայն մյուսներն էլ իրավունք ունեն վիճարկել քո հրամանը, եթե այն ցնորամիտ է, դաժան ու չար։ Որտե՞ղ է որդիդ, Ֆարամիրը։ — Պառկած է այնտեղ, ներսում,— արձագանքեց Դենեթորը։ — Վառվում է, արդեն այրվում է, կրակն արդեն նրա մարմնի մեջ է։ Բայց, ոչինչ, շուտով բոլորս կայրվենք։ Արևմուտքը ձախողվեց․ ամեն ինչ կայրվի մեծ կրակի մեջ, և ամեն ինչի վերջը կգա։ Մոխի՛ր, միայն մոխիր ու ծուխ կմնա, որն էլ կցրի քամին։ Գենդալֆը, տեսնելով նրան պատած խելագարությունը, սարսափեց, որ նա արդեն ինչ-որ չար ու անշտկելի գործ արած լինի ու շարժվեց առաջ, իսկ նրա հետևից՝ Բերեգոնդն ու Փիփինը։ Դենեթորը նահանջեց, հետ-հետ գնաց և կանգ առավ սեղանի մոտ։ Սակայն նրանք այնտեղ անվնաս գտան Ֆարամիրին՝ պառկած ու դեռևս տենդի մեջ։ Նրա տակ փայտ էր կիտած, և շուրջը նույնպես բարձր կույտեր էին, և ամբողջը ներծծված էր յուղով, նույնիսկ Ֆարամիրի զգեստներն ու վրայի ծածկոցը։ Բայց կրակը դեռ չէին վառել։ Այստեղ Գենդալֆը բացահայտեց իր մեջ թաքնված ոչ ծերունական զորությունը, ճիշտ այնպես, ինչպես բացահատում էր մոխրագույն թիկնոցի տակ թաքնված ճերմակությունը։ Նա ցատկեց վառելիքի կուտերի վրա և, թեթևությամբ գրկելով հիվանդին, իջավ ու տարավ նրան դեպի դուռը։ Այդ պահին Ֆարամիրը տնքաց և քնի մեջ կանչեց հորը։  Դենեթորը ցնցվեց, ասես սթափվելով տրանսից․ նրա աչքերի կրակը մարեց, այտերով գլորվեցին արցունքները։ Եվ նա ասաց․ — Մի խլիր որդուս ինձանից, նա կանչում է ինձ․․․ — Կանչում է,— պատասխանեց Գենդալֆը,— բայց քեզ առայժմ չի կարելի նրա մոտ։ Նա մահվան շեմին է և բուժման կարիք ունի, որը հնարավոր է և չգտնի։ Իսկ քո գործն է՝ դուրս գալ ռազմի դաշտ ու կռվել Քաղաքիդ համար, որտեղ, հնարավոր է և գտնես քո մահը։ Սրտիդ խորքում դու այդ գիտես, Դենեթոր։  — Նա այլևս չի արթնանա,— ասաց Դենեթորը։ — Կռիվն ապարդյուն է։ Ինչու՞ պետք է ձգտենք ամեն կերպ երկարացնել մեր կյանքը, ինչու՞ չմեռնենք միասին, կողք-կողքի։ — Քեզ այդպիսի իրավունք չի տրված՝ տնօրինել մահվանդ ժամը, Գո՛նդորի Կառավար,— գոչեց Գենդալֆը։ — Միայն հեթանոս արքաներն են այդպես վարվել Մութ Ուժերի իշխանության ներքո, կուրացած հպարտությունից ու հուսահատությունից, իրենց հետ սպանելով նաև իրենց ազգականներին՝ մեղմելու համար սեփական մահը։  Այս խոսքերով նա դուրս եկավ մահաբեր դամբարանից՝ իր հետ տանելով Ֆարամիրին, և պառկեցրեց նրան շեմին դրված պատգարակի վրա, որով նրան այստեղ էին բերել։ Դենեթորը հետևեց նրան, բայց հանկարծ կանգ առավ՝ դողալով ու կարոտով նայելով որդու դեմքին։ Մի պահ նա տատանվեց, մինչդեռ մյուսները լուռ սպասում էին՝ տեսնելով նրա տանջանքները։ — Գնանք,— ասաց Գենդալֆը։ — Մենք պետք ենք այնտեղ։ Դու դեռ շատ բան կարող ես անել։  Բայց հանկարծ Դենեթորը ծիծաղեց։ Նա ուղղվեց, կրկին վեհ կեցվածք ընդունեց և հպարտ քայլերով վերադաձավ սեղանի մոտ, ապա բարձրացրեց քարը, որ բարձի տեղ դրված էր նրա գլխի տակ։ Հետո վերադարձավ շեմի մոտ և քարի վրայից մի կողմ նետեց ծածկոցը՝ և բոլորը տեսան Փալանթիրը նրա ձեռքին։ Երբ նա բարձրացրեց այն, գունդն սկսեց լուսարձակել ներքին կրակով այնպես, որ Տիրակալի նիհար դեմքը լուսավորվեց ասես կարմիր բոցից, և թվում էր, թե այն կերտված է կարծր քարից, սև, սուր ստվերներով, վեհ, հպարտ ու սարսափազդու։ Նրա աչքերը փայլեցին։  — Հպարտություն և հուսահատությու՞ն, ասում ես,— բացականչեց նա։ — Ինչ է, կարծում էիր, որ Սպիտակ Աշտարակի աչքերը կու՞յր են։ Ո՛չ, ես տեսել եմ ավելին, քան դու գիտես, Մոխրագու՛յն հիմար։ Քո հույսը պարզապես անտեղյակության արդյունք է։ Գնա, ուրեմն, աշխատի՛ր, ապաքինի՛ր, գնա կռվի՛ր։ Ունայն է ամեն ինչ։ Գուցե և հիմա հաղթանակես ռազմի դաշտում, ընդամենը մեկ օրով, բայց ընդդեմ այն ուժի, որ ելել է մեր դեմ, հաղթանակ չկա։ Դեպի այս Քաղաքն է ձգվել նրա ձեռքի ընդամենը մեկ մատը։ Ամբողջ Արևելքը շարժման մեջ է։ Եվ նույնիսկ հիմա քո հույսի քամին խաբում է քեզ և Անդուինի վրայով այստեղ է քշում սև առագաստներով նավատորմը։ Արևմուտքը ձախողվել է։ Ժամանակն է, որ հեռանան բոլոր նրանք, ովքեր չեն ուզում դառնալ ստրուկներ։ — Նման խորհուրդներն անկասկած Թշնամուն հաղթանակ կբերեն,— ասաց Գենդալֆը։ — Դե ուրեմն, շարունակիր հուսալ,— ծիծաղեց Դենեթորը։ — Մի՞թե ես քեզ չեմ ճանաչում, Միթրանդիր։ Քո հույսն է իշխել իմ փոխարեն, կանգնել յուրաքանչյուր գահի հետևում՝ հյուսիսում լինի, հարավում, թե արևմուտքում։ Ես կարդացել եմ քո մտքերը և գիտեմ, թե դու ինչ ես տենչում։ Կարծում ես, ես չգիտե՞մ, որ հրամայել ես այս կոլոտիկին լռել։ Որ բերել ես նրան այստեղ լրտեսելու ինձ հենց իմ պալատում։ Բայց և այնպես մեր զրույցի ժամանակ ես կարողացա իմանալ քո ուղեկիցների անուններն ու նպատակները։ Ուրեմն, դու ուզում ես ձախ ձեռքով ինձ որոշ ժամանակ օգտագործել Մորդորի դեմ որպես վահան, իսկ աջով իմ փոխարեն գահին նստեցնել այն Հյուսիսային Թափառականի՞ն։  Սակայն իմացիր, Գե՛նդալֆ Միթրանդիր, ես գործիք չեմ լինի քո ձեռքին։ Ես Անարիոնի տան կառավարն եմ և չեմ նվաստանա՝ դառնալով ինչ-որ դուրսպրծուկի թուլամիտ պալատականը։ Եթե նույնիսկ նա ինձ ապացուցի իր իրավունքը, միևնույնն է, նա ընդամենը Իսիլդուրի հեռավոր ժառանգն է, և ես գլուխս չեմ խոնարհի այդպիսի մարդու, խորտակված տան վերջին ժառանգի առջև՝ վաղուց զրկված խշխանությունից և արժանապատվությունից։  — Իսկ ի՞նչ կուզենայիր, եթե ամեն ինչ քո կամքով լիներ,— հարցրեց Գենալֆը։ — Կուզենայի, որ ամեն ինչ մնար այնպես, ինչպես եղել է իմ կյանքի բոլոր օրերին,— պատասխանեց Դենեթորը, — և ինչպես եղել է ինձանից առաջ իմ նախնիների օրոք․ լինել այս Քաղաքի Տիրակալը խաղաղության մեջ և ինձանից հետո թողնել գահը որդուս, և որպեսզի նա ինքն իր գլխի տերը լինի, և ոչ թե կախարդի աշակերտը։ Բայց եթե ճակատագիրը մերժում է ինձ դրանում, ապա ես ոչինչ չեմ ուզում․ ո՛չ կիսատ կյանք, ո՛չ կիսատ սեր, ո՛չ կիսատ արժանապատվություն։  — Իմ կարծիքով՝ փոխարքան, վերադարձնելով իշխանությունը օրինական արքային, չի զրկվում ո՛չ սիրուց, ո՛չ արժանապատվությունից,— առարկեց Գենդալֆը։ — Եվ, բացի դրանից, դու իրավունք չունես որոշել որդուդ փոխարեն, քանի դեռ նրա մահը կասկածի տակ է։ Այդ խոսքերից Դենեթորի աչքերը կրկին բոցավառվեցին, և նա, Քարը թևի տակ դնելով, հանեց դանակն ու նետվեց դեպի պատգարակը։ Բայց Բերեգոնդն առաջ ցատկեց ու կանգնեց Ֆարամիրի առջև։ — Ա՜խ Այսպես,— ճչաց Դենեթորը,— դու արդեն հասցրել ես գողանալ որդուս սիրո կեսը, հիմա էլ իմ դեմ ես ուղղում իմ ասպետների սրտե՞րը։ Որպեսզի նրանք զրկե՞ն ինձ որդուցս։ Սակայն մի բանում դու գոնե չես կարող ինձ խանգարել՝ տնօրինել սեփական կյանքիս ավարտը։ Մո՛տ եկեք,— գոռաց նա իր հպատակներին։ — Եկե՛ք, եթե ոչ բոլորդ եք դավաճան։  Երկուսը աստիճաններով վազեցին նրա մոտ։ Նա արագ հափշտակեց նրանցից մեկի կանթեղը և իրեն գցեց դամբարան։ Եվ մինչ Գենդալֆը կհասցներ խանգարել նրան, նա կանթեղը մտցրեց վառելիքի մեջ՝ և այն անմիջապես բռնկվեց ու ճարճատեց։Այնուհետև Դենեթորը ցատկեց սեղանի վրա, և պարուրված կրակով ու ծխով, ոտքերի տակից վերցրեց փոխարքայի իր գավազանը, ապա, ծնկին խփելով, կոտրեց։ Կտորները կրակի մեջ նետելով, նա խոնարհվեց ու պառկեց սեղանին՝ երկու ձեռքով Փալանթիրը սեղմելով կրծքին։ Եվ ասում են, որ այդ օրվանից յուրաքանչյուր ոք, ով սիրտ էր անում նայել այդ քարի մեջ ու բավականաչափ կամք չէր ունենում ենթարկելու Քարը իրեն, տեսնում էր միայն կրակի բոցերի մեջ խորշոմող երկու ծեր ձեռքեր։ Գենդալֆը վշտից ու սարսափից շրջեց երեսն ու փակեց դուռը։ Որոշ ժամանակ նա մտքերի մեջ ընկած լուռ կանգնած էր շեմին, մինչդեռ մյուսները դրսում կանգնած լսում էին կրակի ագահ մռնչյունը։ Հետո Դենեթորը բարձր ճիչ արձակեց՝ միայն մեկ անգամ, ու հավիտյան լռեց, և ոչ մի մահկանացու այլև նրան չտեսավ։ — Այսպիսին էր Դենեթորի, Էքթելիոնի որդու վերջը,— ասաց Գենդալֆը։ Նա շրջվեց Բերեգոնդի և սարսափից քարացած սպասավորների կողմը։ Եվ այսպիսին էին ձեր մինչև այժմ ճանաչած Գոնդորի վերջին օրերը։ Վատի համար, թե լավի՝ այն այլևս անցյալ է։ Մենք չարագործությունների ականատես եղանք, բայց այժմ թո՛ղ որ ձեր միջև թշնամանքները վերանան, քանզի այն մտածված էր թշնամու կողմից և գործում էր նրա կամքով։ Դուք ներքաշված էիք պարտականությունների ցանցի մեջ, որը ձեզ ստիպում էր կատարել միմյանց հետ անհամատեղելի գործողություններ, բայց ցանցը դուք չեք հյուսել։ Մտածեք, սակայն, Տիրակալի ծառաներ, կույր՝ ձեր հնազանդության մեջ, որ եթե չլիներ Բերեգոնդի դավաճանությունը, Ֆարամիրը՝ Սպիտակ Աշտարակի զորավարը, հիմա նույնպես այրված կլիներ։ Տարեք այս դժբախտ վայրից ձեր ընկած ընկերներին։ Իսկ մենք կտանենք Ֆարամիրին՝ Գոնդորի փոխարքային այնտեղ, որտեղ նա կկարողանա հանգիստ քնել կամ մեռնել, եթե այդ է նրա ճակատագիրը։  Գենդալֆն ու Բերեգոնդը, բարձրացնելով պատգարակը, շարժվեցին դեպի Բուժման Տներ, և Փիփինը գլուխը կախ գնաց նրանց հետևից։ Բայց Տիրակալի ծառաները ապշած նայում էին, չկարողանալով հայացքները կտրել մահացածների տանից։ Երբ Գենդալֆը հասավ Ռաթ Դինենի մյուս ծայրին, բարձր ճայթյուն լսվեց։ Շրջվելով՝ նրանք տեսան, որ տան գմբեթը ճեղքվել է, և ճեղքերից ծուխ է դուրս ժայթքում։ Իսկ հետո այն դղրդյունով փլվեց կրակի բուռն փոթորկի մեջ, և անխռով կրակի լեզուները դեռ երկար պարում ու թրթռում էին ավերակների մեջ։ Միայն այդ ժամանակ ծառաները սարսափահար փախան այդտեղից՝ հետևելով Գենալֆին։  Վերջապես նրանք հասան Փակ Դռան մոտ, և Բերեգոնդը վշտահար նայեց դռնապանին։  — Մինչև կյանքիս վերջը ինձ չեմ ների այս արարքիս համար,— ասաց նա։ — Բայց ինձ առաջ էր մղում շտապելու մոլուցքը, իսկ նա չէր ուզում լսել և թուր մերկացրեց ինձ վրա։ — Նա հանեց բանալին, որ խլել էր դռնապանից, փակեց դուռն ու կողպեց այն։ — Իսկ այժմ այն պետք է հանձնվի տիրակալ Ֆարամիրին,— ավելացրեց նա։ — Դոլ Ամրոթի իշխանն է հրամայում Տիրակալի բացակայության պայմաններում,— ասաց Գենդալֆը։ — Բայց քանի որ հիմա նա այստեղ չէ, ես պետք է ստանձնեմ այդ գործը։ Պահիր այդ բանալին Բերեգոնդ, և պահպանիր այն, քանի դեռ Քաղաքում նորից կարգ ու կանոն չի տիրել։  Վերջապես նրանք դուրս եկան Քաղաքի վերին օղակներ և առավոտյան լույսի տակ շարժվեցին դեպի Բուժման Տներ։ Դրանք առաձնացված գեղեցիկ տներ էին՝ նախատեսված ծանր հիվանդ մարդկանց խնամքի համար, բայց այժմ դրանք վերափոխել էին պատերազմում վիրավորված կամ մահացող մարդկանց խնամելու համար։ Դրանք գտնվում էին Միջնաբերդի դարպասից ոչ հեռու, վեցերորդ օղակում, հարավային պատի մոտ, և շրջապատված էին պարտեզով, ինչպես նաև կանաչապատ մարգագետին կար՝ այստեղ այնտեղ աճած ծառերով՝ և դա միակ այդպիսի վայրն էր Քաղաքում։ Այնտեղ էին ապրում այն մի քանի կանայք, որոնց թույլատրվել էր մնալ Մինաս Թիրիթում, քանի որ նրանք հմուտ էին բժշկման գործում և օգնում էին բուժակներին։  Գենդլաֆն ու նրա ուղեկիցները արդեն արդեն տանում էին պատգարակները Տների գլխավոր մուտքի մոտ, երբ բարձր, ականջ ծակող ճիչ լսեցին, որը տարածվեց Դարպասի դիմաց, դաշտի գլխին, մխրճվեց երկնքի մեջ ու քամուց քշվելով հետզհետե մարեց։ Ճիչ այնքան սարսափազդու էր, որ մի պահ բոլորը քարացան, բայց երբ այն ցրվեց, անսպասելի նրան սրտերը թեթևացան ու լցվեցին մեծ հույսով, և նման բան նրանք չէին զգացել այն պահից սկսած, երբ խավարը սողաց արևմուտքից․ և նրանց թվաց, որ ավելի լուսացավ ու արևը ճեղքեց ամպերը։  Սակայն Գենդալֆի դեմքը մռայլ ու տխուր էր։ Նա կարգադրեց Բերեգոնդին ու Փիփինին տանել Ֆարամիրին Բժշկման Տներ, իսկ ինքը բարձրացավ մոտակա պատի վրա, և այնտեղ, ինչպես ճերմակ քարից կերտված արձան, նա կանգնել էր նոր ծագող արևի տակ ու նայում էր ներքև։ Եվ նա տեսավ իրեն տրված հատուկ տեսողությամբ այն ամենը, ինչ կատարվել էր։ Եվ երբ Էոմերը հետ եկավ ճակատամարտի առաջնագծից ու կանգ առավ դաշտում ընկածների կողքին, նա հառաչեց, թիկնոցը կրկին գցեց ուսերին ու իջավ պատերի վրայից։ Քիչ անց, երբ Բերեգոնդն ու Փիփինը դուրս եկան, գտան նրան դռան առջև, մտքերի մեջ ընկած, լուռ կանգնած։  Նրանք նայեցին նրան, բայց Գենդալֆը որոշ ժամանակ լռում էր։  — Իմ բարեկամներ,— վերջապես խոսեց նա,— և դուք, այս Քաղաքի ու արևմտյան հողերի բնակիչներ։ Տեղի են ունեցել փառավոր ու մեծ վիշտ պարունակող իրադարձություններ։ Լացե՞նք, թե՞ ուրախանանք։ Կատարվել է այն, ինչի մասին մենք նույնիսկ հուսալ չէինք համարձակվում՝ ոչնչացվել է Թշնամու զորավարը, և դուք լսեցիք նրա վերջին ու հուսահատության արձագանքը։ Բայց նա հեռացել է մեծ վշտի ու դառը կորուստների գնով, և այդ ես գուցե կարողանայի կանխել, եթե չլիներ Դենեթորի խելագարությունը։ Ահա թե ինչքան հեռու են արդեն տարածվել Թշնամու ձեռքերը։ Ավա՜ղ։ Բայց այժմ ես հասկանում եմ, թե ինչպես է նրա կամքը կարողացել մուտք գործել Քաղաքի հենց սիրտը։ Թեև փոխարքաները կարծում էին, որ այդ գաղտնիքի մասին միայն իրենք գիտեն, բայց ես վաղուց եմ կռահել, որ այստեղ՝ Սպիտակ Աշտարակում, պահպանվել է Յոթ Տեսնող Քարերից առնվազն մեկը։ Իր իմաստության օրերին Դենեթորը չէր համարձակվում ո՛չ օգտագործել այն, ոչ էլ մարտահրավեր նետել Սաուրոնին՝ իմանալով սեփական ուժի սահմանները։ Բայց նրա իմաաստությունը չդիմացավ փորձությանը՝ և երբ ուժեղացող վտանգն սկսեց սպառնալ իր տիրույթներին, նա առաջին անգամ նայեց Քարի մեջ ու խաբվեց, իսկ Բորոմիրի գնալուց հետո, կռահում եմ, ավելի հաճախ է նայել։ Նա չափազանց հզոր է՝ Մութ Ուժին կամքին ենթարկվելու համար, բայց, այնումենայնիվ նա տեսել է միայն այն, ինչ այդ Ուժը թույլ է տվել տեսնել։ Ստացած գիտելիքներն անկասկած հաճախ են օգտակար եղել նրան, սակայն Մորդորի մեծաթիվ ուժերի տեսիլքը, որ նրան պարբերաբար ցույց են տվել, հուսահատությամբ է սնուցել նրա սիրտը, մինչև որ ցնորել է նրա միտքը։  — Հիմա հասկանում եմ, թե ինչը ինձ էն ժամանակ տարօրինակ թվաց,— ասաց Փիփինը սարսռալով։ — Տիրակալը հեռացավ սենյակից, որտեղ պառկած էր Ֆարամիրը, իսկ հետո, երբ վերադարձավ, ես առաջին անգամ մտածեցի, որ նա փոխված է՝ ծեր և կոտրված։ — Հենց այն ժամանակ, երբ Ֆարամիրին բերեցին Աշտարակ, մեզանից շատերը տարօրինակ լույս տեսան ամենավերին սենյակում,— ավելացրեց Բերեգոնդը։ — Սակայն մենք առաջ էլ ենք այդ լույսը տեսել, և Քաղաքում վաղուց են լուրեր պտտվում, որ Տիրակալը ժամանակ առ ժամանակ մտովի մարտնչում է իր Թշնամու հետ։ — Ավա՜ղ, ուրեմն ճիշտ եմ կռահել,— հոգոց հանեց Գենդալֆը — Այդպես է Սաուրոնի կամքը թափանցել Մինաս Թիրիրթ, և այդ պատճառով եմ ես այստեղ, այլ ոչ թե դաշտում։ Եվ ստիպված կլինեմ այստեղ էլ մնալ, որովհետև բացի Ֆարամիրից, շուտով այստեղ կբերեն այլ վիրավորներ։ Ես պետք է իջնեմ ու դիմավորեմ նրանց։ Այնտեղ, դաշտում, ես ականատես եղա մի տեսարանի, որը շատ ծանր է իմ սրտի համար, և դեռ կարող է ավելի մեծ վիշտ տեղի ունենալ։ Արի ինձ հետ, Փիփին։ Բայց դու, Բերեգոնդ, պետք է վերադառնաս Միջնաբերդ և տեղեկացնես պահակախմբի գլխավորին կատարվածի մասին։ Վախենում եմ, որ նրա պարտքը կլինի ազատել քեզ պահակախմբից․ բայց ասա նրան, որ եթե ես կարող եմ խորհուրդ տալ իրեն, ապա թող ուղարկի քեզ Բժշկման Տներ, որպեսզի քո հրամանատարին պահակություն անես ու սպասարկես, և նրա կողքին լինես, երբ արթնանա, եթե, իհարկե, ճակատագիրն այդպես կամենա։ Քանզի քո շնորհիվ նա փրկվեց ողջ-ողջ այրվելուց։ Իսկ այժմ գնա։ Ես շուտով կվերադառնամ։ Այս խոսքերով նա շրջվեց ու Փիփինի հետ իջավ Քաղաքի ներքին օղակներ։ Մինչդեռ նրանք գնում էին, քամին մոխրագույն անձրև բերեց, և բոլոր կրակները մարեցին, և ծխի մեծ ամպեր քուլա-քուլա բարձրացան Քաղաքի վրա։ ====Գլուխ ութերորդ․ Բժշկման Տներ==== Մերիի աչքերը մշուշվել էին արցունքներից ու հոգնածությունից, երբ նրանք վերջապես մոտեցան Մինաս Թիրիթի ավերված Դարպասին։ Նա քիչ ուշադրություն էր դարձնում ավերածություններին ու սպանվածներին, որոնք ամենուրեք էին։ Օդը հագեցած էր կրակով, ծխով ու գարշահոտությամբ, քանզի շատ ռազմական մեքենաներ էին այրվել կամ գցվել հրե խրամուղիների մեջ, որտեղ այրվում էին բազմաթիվ սպանվածներ։ Այստեղ և այնտեղ ընկած էին հարավային հսկա հրեշների կիսաայրված դիակները՝ սպանված քարե արկերով կամ Մորթոնդի անվրեպ նետաձիգների արձակած նետերով, որ ցցված էին հրեշների աչքերի մեջ։ Թռչող անձրևը մի պահ դադարել էր, և երկնքում շողում էր արևը, բայց ամբողջ ներքին քաղաքը դեռևս պարուրված էր ծխացող գարշահոտությամբ։ Մարդիկ արդեն աշխատում էին՝ ջանալով ճանապարհ հարթել ճակատամարտի մնացորդների միջով, և Քաղաքից արդեն պատգարակավորներ էին դուրս գալիս։ Նրանք Էովինին զգուշությամբ պառկեցրին փափուկ բարձերի վրա, սակայն թագավորի մարմինը ծածկեցին մեծ ոսկե ծածկոցով, և ջահեր էին կրում նրա շուրջը, որոնց կրակները արևի լույսից գունատ, թրթռում էին քամուց։  Այսպես Թեոդենն ու Էովինը մտան Գոնդորի գահաքաղաք, և բոլորը, ովքեր տեսնում էին նրանց, մերկացնում էին գլուխներն ու խոնարհվում։ Նրանք անցան այրված ներքին օղակի մոխրի ու ծխի միջով և շարունակեցին բարձրանալ քարե փողոցներով։ Մերիին վերելքը անվերջ էր թվում՝ անիմաստ ճամփորդություն ատելի երազում, որտեղ պետք էր շարունակ գնալ ու գնալ դեպի ինչ-որ աղոտ ավարտ, որը հիշողությունը չէր ընկալում։  Առջևում երևացող ջահերի կրակները դանդաղ թրթռացին ու մարեցին, և նա գնում էր մթության մեջ՝ մտածելով․ «Սա թունել է ու տանում է գերեզման, որտեղ մենք կմնանք հավիտյան»։ Բայց հանկարծ նրա անուրջների մեջ կենդանի ձայն թափանցեց․ — Վերջապե՛ս, Մերի՜, ես գտա՛ քեզ, ա՜յ քեզ հաջողություն։ Նա բարձրացրեց գլուխը, և աչքերը շղարշած մշուշը մի փոքր ցրվեց։ Նրա առջև Փիփինն էր։ Նրանք դեմ հանդիման կանգնած էին նեղ նրբանցքում, և շուրջը ոչ ոք չկար։ Մերին տրորեց աչքերը։ — Որտե՞ղ է թագավորը,— զարմացավ նա։ — Եվ Էովի՞նը։ — Հետո սայթաքեց, նստեց շեմին ու նորից լաց եղավ։  — Նրանք գնացին, բարձրացան Միջնաբերդ,— բացատրեց Փիփինը։ — Իսկ դու երևի քնել ես ոտքի վրա ու թեքվել սխալ ուղղությամբ։ Մենք երբ տեսանք, որ դու նրանց հետ չես, Գենդալֆն ինձ անմիջապես ուղարկեց քեզ փնտրելու։ Խեղճ ծերուկ Մերրի, շատ ուրախ եմ քեզ նորից տեսնելու համար։ Բայց դու հազիվ ես ոտքի վրա մնում, իսկ ես լեզվիս եմ զոռ տալիս։ Ասա մենակ՝ լա՞վ ես։ Քեզ չե՞ն վիրավորել։ — Ինձ թվում է, չէ, պատասխանեց Մերին։ — Բայց աջ ձեռքս չեմ կարողանում շարժել, Փիփին, էն պահից սկսած, երբ նրան հարվածեցի։ Եվ թուրս ամբողջութամբ այրվեց փայտի կտորի պես։ Փիփինն անհանգստացած նայեց նրան։ — Լսիր, ավելի լավ է, արի գնանք, ու ինչքան արագ, էնքան լավ,— ասաց նա։ — Ափսոս, չեմ կարող քեզ գրկած տանել՝ դու երևում է, քայլելու ունակ չես։ Նրանք, առհասարակ չպետք է քեզ թողնեին մենակ, բայց դու ներիր նրանց․ Էնքան սարսափելի բաներ են կատարվել Քաղաքում, Մերի, որ էս խառնաշփոթում մարտից եկող մի խեղճ հոբիթի չնկատելը դժվար չէ։  — Երբեմն դա էդքան էլ վատ չէ,— ասաց Մերին։ — Քիչ առաջ նա էլ ինձ չնկատեց․․․ Ոչ-ոչ, չեմ կարող էդ մասին խոսել։ Օգնիր ինձ, Փիփին, նորից մթնում է, ձեռքս էլ շատ սառն է։ — Հենվիր ինձ վրա, Մերի, իմ ընկեր,— թևանուկ արեց Փիփինը։ — Գնանք, հանգիստ-հանգիստ, քայլ առ քայլ։ Այստեղ, հեռու չէ։ — Պատրաստվում ես ինձ թաղե՞լ,— հարցրեց Մերին։ — Իհարկե ոչ, սրան տեսեք,— պատասխանեց Փիփինը՝ փորձելով զվարթ ձևանալ, թեպետ սիրտը կծկվել էր վախից ու խղճահարությունից։ — Չէ, մենք գնում ենք Բժշկման Տներ։ Նրանք դուրս եկան նրբանքից, որն անցնում էր բարձր տների չորորդ օղակի և արտաքին պատի միջով, ու վերադարձան Միջնաբերդ բարձրացող գլխավոր ուղի։ Նրանք գնում էին դանդաղ, քայլ առ քայլ, քանի որ Մերին օրորվում էր զառանցում՝ ասես քնի մեջ։ «Ես նրան տեղ չեմ հասցնի,— մտածեց Փիփինը։ — Մի՞թե ոչ ոք չի օգնի։ Հո չեմ թողնի էստեղ»։Այդ պահին, ի զարմանս Փիփինի, հետևից քայլերի ձայն լսվեց, վազելով մի տղա մոտեցավ, և Փիփինը ճանաչեց Բերգիլին՝ Բերեգոնդի որդուն։  — Բարև, Բերգիլ,— կանչեց նա,— էդ ու՞ր ես գնում։ Ուրախ եմ քեզ նորից ողջ առողջ տեսնել։ — Ես բուժարարների մոտ վազվռտուքի մեջ եմ,— պատասխանեց Բերգիլը։ — Չեմ կարող ուշանալ։ — Մի ուշացիր,— ասաց Փիփինը,— բայց վերևում ասա նրանց, որ ես էստեղ հիվանդ հոբիթ ունեմ, դե, փերիան, հասկացա՞ր։ Մարտի դաշտից՝ թող նկատի ունենան։ Եթե Միթրանդիրն էնտեղ լինի, շատ կուրախանա էս լուրի համար։  Բերգիլը վազեց։ «Էստեղ էլ կսպասեմ»,— մտածեց Փիփինը։ Նա զգուշորեն պառկեցրեց Մերիին ճամփեզրին, արևի տակ, իսկ ինքը նստեց կողքին՝ ընկերոջ գլուխը դնելով ծնկներին։ Հետո շոշափեց նրան ոտքից գլուխ, ապա ձեռքերն առավ իր ափերի մեջ։ Աջ ձեռքը կարծես սառույց լիներ։ Շուտով նրանց փնտրեց-գտավ Գենդաալֆն ինքը։ Նա կռացավ Մերիի վրա ու շոյեց ճակատը, հետո զգուշորեն բարձրացրեց նրան։  — Այս հոբիթին պետք է փառքով բերեին Քաղաք,— ասաց նա։ — Նա լավ արդարարեց իրեն, որովհետև եթե Էլրոնդն ինձ չզիջեր՝ ոչ մեկդ ճանապարհ չէինք ընկնի, և այսօրվա չարիքները շատ ավելի սարսափելի կլինեին։ — Նա հառաչեց։ — Եվ ահա իմ ձեռքում ևս մեկ վիրավոր կա, իսկ ճակատամարտը դեռ մազից է կախված։ Այսպիսով, վերջապես Ֆարամիրին, Էովինին ու Մերիադոքին պառկեցրին Բժշկման Տներում։ Այնտեղ նրանց շատ լավ էին խնամում։ Քանզի, թեև հնագույն շատ գիտելիքներ կորստյան էին մատնվել, այնուամենայնիվ Գոնդորի բուժարարներն իրենց հավասարը չունեին վերքերի և այն բոլոր հիվանդությունների բուժման մեջ, որոնցով հիվանդանում էին Ծովից արևելք ապրող մահկանացուները։ Միայն ծերությունը չէին բուժում՝ դրա համար դարման չէին գտել։ Առհասարակ, նրանց կյանքի տևողությունը պակասել էր, դարձել էր սովորական մարդկանց կյանքի տևողությունից մի փոքր ավելի։ Քչերն էին կարողանում անցնել հարյուր տարեկանի շեմը առանց զառամելու՝ երևի միայն որոշ ազնվատոհմ տների զտարյուն ժառանգները։ Բայց այժմ նույնիսկ ամենահմուտ և շատ գիտելիքներ ունեցող բուժարարները շփոթված էին, որովհետև հայտնվել էին ծանր դրության մեջ և դարման չէին գտնում նոր ախտի դեմ, որը անվանեցին Սև Թուլություն, քանզի այն տարածում էին Նազգուլները։ Նրանք, ովքեր վարակվել էին դրանով, դանդաղ խորասուզվում էին ավելի ու ավելի խորը քնի մեջ, լռում, հետո նրանց վրա մահացու սառնություն էր իջնում և այդպես մեռնում էին։ Բուժարարները կասկածում էին, որ հենց այդ հիվանդությունն է դիպել կոլոտիկին և Ռոհանի օրիորդին։ Դեռ որոշ ժամանակ, մինչև օրվա կեսը նրանք խոսում էին, տրտնջում քնի մեջ, և խնամողները ուշադիր լսում էին՝ հուսալով ինչ-որ կարևոր բան լսել, որը կօգներ բուժել նրանց ցավերը։ Բայց շուտով նրանք սկսեցին ընկնել խավարի մեջ, և երբ արևը թեքվեց արևմուտք, նրանց դեմքերին մոխրագույն ստվեր իջավ։ Բայց ֆարամիրը այրվում էր չհանդարտվող տենդից։ Գենդալֆն անհանգիստ մահճակալից մահճակալ էր գնում, և խնամողները տեղեկացնում էին նրան լսված ամեն խոսքի մասին։ Այդպես անցավ օրը, իսկ դաշտերում դեռ մոլեգնում էր մեծ ճակատամարտը՝ փոփոխական հույսով ու հաջողությամբ, և լուրերը խառն էին ու տարօրինակ։ Գենդալֆը շարունակում էր հոգ տանել հիվանդների մասին՝ չուզենալով լքել նրանց։ Վերջապես կարմիր մայրամուտը լցրեց ամբողջ երկինքը, և լույսը պատուհաններից ընկավ հիվանդների գորշ դեմքերին։ Մոտ կանգնածներին թվաց, թե նրանց դեմքերը մեղմորեն շառագունեցին, ասես առողջության վերականգնումից, բայց դա միայն ծաղրանք էր հույսի։ Այդ ժամանակ մի ծեր կին՝ Իորեթը, տներում ծառայող կանանցից ամենաավագը, նայելով Ֆարամիրի դեմքին, արտասվեց, քանզի բոլորն էին սիրում նրան։ Եվ նա ասաց․ Ավա՜ղ, եթե նա մեռնի, մեծ դժբախտություն կլինի։ Ա՜խ, գոնե Գոնդորում արքաներ լինեին, ինչպես առաջ։ Որովհետև հին ավանդություններում ասվում է, որ արքայի ձեռքերը բուժիչ ուժ ունեն իրենց մեջ։ Հենց դրանով էլ ճանաչում էին իսկական արքային։ Իսկ Գենդալֆը, որ կանգնած էր նրա կողքին, ասաց․ — Մարդիկ դեռ երկար կհիշեն քո խոսքերը, Իորե՛թ։ Քանզի դրանք իրեն մեջ հույս են պարունակում։ Գուցե արքան իսկապես վերադարձել է Գոնդո՞ր։ Թե՞ դու չես լսել Քաղաքում տարածվող այդ տարօրինակ լուրերը։ — Ես այստեղ մինչև կոկորդս զբաղված եմ, ի՞նչ իմանամ՝ ինչ են խոսում Քաղաքում,— պատասխանեց նա։ — Հույս ունեմ, միայն, որ այդ մահաբեր չարքերը չեն ներխուժի այս տուն ու չեն անհանգստացնի հիվանդներին։ Այնուհետև Գենդալֆը շտապ դուրս եկավ, իսկ մայրամուտի կրակը երկնքում արդեն մարում էր, և այրվող բլուրները հանգչում էին, և մոխրագույն երեկոն սողում էր դաշտերի վրայով։  Երբ արևը մայր մտավ, Արագորնը, Էոմերն ու Իմրահիլը՝ իրենց հրամանատարներով ու ասպետներով, մոտեցան Քաղաքին։ Եվ երբ նրանք հասան Դարպասին, Արագորնն ասաց․ — Ահա, տեսե՛ք, թե ինչպես է արևը մայր մտնում մեծ կրակի մեջ։ Սա նշան է վերջի ու սկզբի, ինչպես նաև՝ մեծ փոփոխությունների․ հինը դառնում է անցյալ։ Բայց այս Քաղաքն ու թագավորությունը երկար տարիներ կառավարել են Փոխարքաները, և ես վախենում եմ, որ եթե ներս մտնեմ առանց հրավերի, ապա կարող են կասկածներ ու վեճեր առաջանալ, որոնք անթույլատրելի են, քանի դեռ մղվում է այս պատերազմը։ Ես մուտք չեմ գործի Քաղաք և ոչ մի պահանջ չեմ ներկայացնի, մինչև պարզ չլինի՝ մենք ենք արդյոք հաղթելու, թե Մորդորը։ Մարդիկ վրաններ կխփեն դաշտում, և ես այստեղ կսպասեմ Քաղաքի Տիրակալի ողջույնին։ Բայց Էոմերն առարկեց․ Դու արդեն բարձրացրել ես Արքաների զինադրոշը և ցուցադրել Էլենդիլի տան նշանները։ Պատրաստ ես թույլ տալ, որ նրանք վիճարկե՞ն դրանք։  — Ոչ,— պատասխանեց Արագորնը,— բայց ես համարում եմ, որ դեռ ժամը չի հասել և չեմ ուզում, որ վեճեր ծագեն հուրախություն Թշնամու։  Եվ իշխան Իմրահիլն ասաց․ — Դու իմաստուն ես վարվում, տեր իմ Արագորն՝ եթե ականջ կդնես Դենեթորի մոտ ազգականի խորհրդին այդ հարցում։ Նա կամային է ու հպարտ, թեև ծեր է։ Եվ տարօրինակ են նրա մտքերը այն պահից ի վեր, ինչ զոհվեց նրա որդին։ Բայց ես չէի ուզենա, որ դու մնայիր դռան մոտ, ինչպես չքավորը։ — Ինչու՞ չքավոր,— ասաց Արագորնը։ — Ես հյուսիսային հետքագետների հրամանատար եմ, և մենք սովոր չենք Քաղաքի ու քարե տների։ Եվ նա հրամայեց իջեցնել իր զինադրոշն ու հանեց Հյուսիսային Թագավորության Աստղը ճակատից՝ տալով այն Էլրոնդի որդիներին։  Եվ Իշխան Իմրահիլն ու Ռոհանցի Էոմերը թողեցին նրան, անցան Քաղաքի թոհուբոհի միջով ու բարձրացան Միջնաբերդ։ Նրանք մտան Աշտարակի գահադահլիճ՝ փնտրելով փոխարքային, բայց տեսան, որ նրա աթոռը դատարկ է, իսկ Գահի դիմաց, բարձր մահճում պառկած էր Թեոդենը՝ Մարկի թագավորը․ և տասներկու ջահեր էին վառվում նրա շուրջը, և կանգնած էին տասներկու պահապան՝ գոնդորցի և ռոհանցի ասպետներ։ Մահճի կախոցները կանաչ և սպիտակ էին, բայց թագավորի վրա ոսկե մեծ ծածկոց էր գցված, վրան դրված նրա թուրը, և ոտքերի տակ՝ վահանը։ Ջահերի թրթռուն լույսը խաղում էր նրա խիտ, ալեհեր մազերի վրա, ինչպես արևի ցոլքը՝ շատրվանի շիթերի մեջ, բայց նրա դեմքը գեղեցիկ էր ու երիտասարդ, բացառությամբ, որ այն երիտասարդության համար անհասանելի խաղաղությամբ էր լցված, և թվում էր, թե նա քնած է։  Որոշ ժամանակ նրանք լուռ կանգնած էին թագավորի կողքին, իսկ հետո Իմրահիլը հարցրեց․ — Իսկ ու՞ր է Տիրակալը, և որտե՞ղ է Գենդալֆը։ Եվ պահապաններից մեկը պատասխանեց նրան․ Գոնդորի փոխարքան գտնվում է Բժշկման Տներում։ Ապա հարցրեց Էոմերը․ Իսկ որտե՞ղ է օրիորդ Էովինը, իմ քույրը, նա պետք է պառկած լիներ թագավորի կողքին ու ոչ պակաս պատվով շրջապատված։ Ու՞ր են տարել նրան։  Եվ Իմրահիլը պատասխանեց․ Օրիորդ Էովինը դեռ ողջ էր, երբ նրան բերում էին Քաղաք։ Դու այդ չգիտե՞իր։ Էոմերի սրտում հույս ծագեց, և դրա հետ մեկտեղ՝ ծանր տագնապ ու վախ, և նա, այլևս ոչինչ չասելով, շրջվեց ու դուրս եկավ դահլիճից․ իշխանը նրա հետևից դուրս եկավ։ Դրսում արդեն երեկո էր, և երկնքում բազմաթիվ աստղեր էին շողում։ Բժշկման Տների շեմի մոտ նրանք հանդիպեցին Գենդալֆին, և նրա հետ էր մոխրագույն թիկնոցով ինչ-որ մեկը։ Նրանք ողջունեցին հրաշագործին ու ասացին․ — Մենք փնտրում ենք փոխարքային, մեզ ասացին, որ նա այստեղ է։ Մի՞թե նա վիրավոր է։ Իսկ օրիորդ Էովի՞նը։ Որտե՞ղ է նա։ Եվ Գենդալֆը պատասխանեց նրանց․ Նա պառկած է ներսում, մահացած չէ, բայց մոտ է մահվան։ Իսկ Ֆարամիրը, ինչպես գիտեք, վիրավորված է թունավոր տեգով, և այժմ նա է փոխարքան, քանզի Դենեթորը հեռացավ կյանքից, և նրա տունը մոխիր դարձավ։  Նրանք լսելով այս ամենը, լցվեցին վշտով ու զարմանքով։ Եվ ասաց Իմրահիլը․ Այսպիսով, հաղթանակը զրկված է ուրախությունից և այն տրվել է մեզ ծանր գնով, քանզի Ռոհանն ու Գոնդորը զրկվել են իրենց տիրակալներից։ Էոմերը կառաջնորդի Ռոհիրիմներին։ Իսկ ո՞վ է ղեկավարելու Քաղաքը այս ընթացքում։ Չուղարկե՞նք Արագորնի հետևից։  — Նա արդեն այստեղ է,— ասաց թիկնոցավոր մարդն ու առաջ եկավ։ Լամպի լույսը լուսավորեց նրան, և նրանք ճանաչեցին Արագորնին՝ փաթաթված օղազրահի վրա հագած Լորիենի մոխրագույն թիկնոցի մեջ, և ոչ մի այլ նշան նա չուներ, բացի Գալադրիելի կանաչ քարից։ — Ես այստեղ եմ եկել Գենդալֆի խնդրանքով,— ասաց նա։ — Բայց առայժմ ես Արնորի Դունադանների հրամանատարն եմ, և Քաղաքը կղեկավարի Դոլ Ամրոթի տիրակալը, քանի դեռ Ֆարամիրը չի արթնացել։ Սակայն իմ խորհուրդն է, որ հետագա այս օրերի ընթացքում Թշնամու դեմ պայքարում մեզ բոլորիս ղեկավարի Գենդալֆը։ Բոլորը համաձայն էին, և Գենդալֆն ասաց․  — Եկեք չկանգնենք շեմին, ժամանակը թանկ է, գնա՛նք։ Քանզի Արագորնի գալուստը ներսում պառկած հիվանդների վերջին հույսն է։ Այսպես ասաց Այորեթը՝ գոնդորցի իմաստուն մի կին․ Արքայի ձեռքերը բուժիչ ուժ ունեն, և հենց դրանով էլ ճանաչում էին իրական արքային։  Առաջինը մտավ Արագորնը, մյուսները հետևեցին նրան։ Դռների մոտ Միջնաբերդի հանդերձներով երկու պահակ էին կանգնած․ մեկը բարձրահասակ, երկրորդը՝ հազիվ տղայի հասակի։ Արագորնին տեսնելով՝ նա ուրախությունից ու զարմանքից բարձր ճչաց․ — Պանդու՜խտ, այ քեզ բան։ Ես ախր միանգամից հասկացա, որ էն սև նավերով դու ես։ Բայց նրանք բոլորը բղավում էին․ ծովահեննե՛րը, ու ինձ չէին լսում։ Էդ ինչպե՞ս ստացվեց էդպես։  Արագորնը ծիծաղեց ու բռնեց հոբիթի ձեռքը։  — Լավ հանդիպում էր,— ասաց նա։ — Բայց դեռ ժամանակը չէ պատմել ճանապարհորդությունների մասին։ Իսկ Իմրահիլն ասաց Էոմերին․ — Մի՞թե այդպես են խոսում թագավորի հետ։ Թեպետ, հույս ունեմ, որ նա այլ անունով կթագադրվի։ Լսելով այդ՝ Արագորնը շրջվեց ու ասաց նրան․  — Այո, ճիշտ ես, հնագույն մեծ լեզվով ես Էլեսար եմ կոչվում, էլֆական Քար և մեկ էլ Էլվինյաթար Կենարար։ — Նա ցույց տվեց իր կրծքին պսպղացող քարը։ — Սակայն Պանդուխտ պիտի լինի իմ տան անունը, եթե այն երբևէ ստեղծվի։ Մեծ լեզվով այն այնքան էլ վատ չի հնչում, և Թելքոնթար կկոչվեմ ես ու իմ բոլոր ժառանգները։ Նրանք մտան սենյակներ, որտեղ բուժում էին հիվանդներին, և ճանապարհին Գենդալֆը պատմեց Էովինի ու Մերիադոքի սխրանքների մասին։  — Ես երկար ժամանակ կանգնել եմ նրանց կողքին,— բացատրեց նա։ — Սկզբում շատ էին խոսում իրենց քնի մեջ, նախքան մահացու խավարի մեջ սուզվելը։ Բացի դրանից, ինձ տրված է շնորհ՝ տեսնել ինձանից հեռու կատարվող շատ բաներ։ Արագորնը նախ գնաց Ֆարամիրի, իսկ հետո օրիորդ Էովինի մոտ, և վերջում՝ Մերիի։ Նա նայեց հիվանդների դեմքին, տեսավ նրանց ցավերն ու հառաչեց։ — Այստեղ հարկավոր կլինեն իմ ողջ ուժն ու հմտությունը,— ասաց նա։ — Ափսոս, Էլրոնդն այստեղ չէ, նա մեր տոհմի ամենատարեցն է և ամենափորձառուն։ Էոմերը, տեսնելով, որ նա հոգնած է ու տխուր, ասաց․ — Սկզբում գուցե մի փոքր հանգստանաս ու սնվե՞ս։ Բայց Արագորնը պատասխանեց․ — Ոչ, այս երեքի համար ժամանակ քիչ է մնացել, Իսկ Ֆարամիրի համար՝ գուցե և չի մնացել։ Հարկավոր է շտապել։ Հետո նա կանչեց Իորեթին ու հարցրեց․  — Դուք այս Տներում բուժիչ խոտաբույսերի պահուստ ունե՞ք։ — Այո, տեր իմ,— պատասխանեց նա,— բայց ոչ այնքան շատ, որ բոլորին բավականացնի։ Իսկ թե որտեղ կարելի է էլի գտնել՝ գաղափար չունեմ․ այս սարսափելի օրերին, հրդեհների ու կրակների մեջ մեր մի քանի տղաները որտեղի՞ց հավաքեն, և ու՞ր ուղարկենք նրանց՝ ախր ճանապարհները փակ են։ Ճշմարիտ է, արդեն չեմ հիշում, թե երբ են վերջին անգամ Լոսարնախից սայլեր եկել։ Բայց մեր ունեցածով ամեն ինչ անում ենք, թող մեծապատիվ տերը վստահ լինի։ — Այդ դեռ կտեսնենք,— ասաց Արագորնը։ — Ոչ միայն խոտաբույսերի պակաս կա, այլև՝ խոսելու ժամանակի։ Ացելաս ունե՞ք։ — Հաստատ չգիտեմ, տեր իմ,— պատասխանեց կինը։ — Ամեն դեպքում ոչ այդ անունով։ Գնամ, հարցնեմ խոտերի գիտակին՝ նա գիտե բոլոր հին անունները։ — Ժողովուրդը վերջին ժամանակներս դրան նաև արքայատերև է անվանում,— ասաց Արագորնը։ — Գուցե այդ անունո՞վ իմանաս։ — Ա՜խ, դա նկատի ունեք,— բացականչեց Իորեթը։ — Միանգամից այդպես ասեիք՝ կպատասխանեի։ Ոչ, այդ խոտից մենք չունենք, համոզված եմ։ Բայց ես երբեք չեմ լսել, որ այն իր մեջ բուժիչ ուժ ունենա, ուղղակի սովորական խոտ է։ Թեև, երբ հանդիպել ենք դրանից անտառում աճելիս՝ հաճախ եմ ասել քույրերիս․ «արքայատերև, տարօրինակ անուն են դրել, հետաքրքիր է, ինչու՞ է այդպես կոչվում․ եթե ես արքա լինեի, իմ այգում ավելի պայծառ բույսեր կաճեին»։ Ճիշտ է, շատ սուր ու հաճելի բուրմունք ունի, եթե տրորես ձեռքիդ մեջ, այդպես չէ՞։ Եթե հաճելին ճիշտ բառ է․ կենարար՝ երևի այսպես ավելի ճիշտ կլինի։ — Շատ կենարար,— հաստատեց Արագորնը։ — Իսկ այժմ, տիկին, եթե սիրում ես Ֆարամիրին, լեզվիդ հանգիստ տուր ու վազիր արքայատերև գտնելու, եթե Քաղաքում գեթ մեկ տերև կա դրանից։  — Իսկ եթե չկա,— խոսեց Գենդալֆը, ես Իորեթի հետ կգնամ Լոսարնախ, և թող նա անտառում արքայատերև փնտրի, թեև քույրերի հետ տեսնվելը ստիպված կլինենք հետաձգել։ Իսկ Լուսաչը ցույց կտա նրան, թե ինչ է նշանակում շտապել։ Իորեթը գնաց, և Արագորնը կարգադրեց մյուս կանանց ջուր տաքացնել։ Հետո մի ձեռքով բռնեց Ֆարամիրի ձեռքը, մյուսը դրեց նրա ճակատին։ Նա քրտինքի մեջ կորած էր, բայց չէր շարժվում և ոչ մի նշան ցույց չէր տալիս։ Թվում էր, հազիվ է շնչում։  — Նրա վերջը մոտ է,— ասաց Արագորնը Գենդալֆին։ — Բայց պատճառը վերքը չէ։ Նայի՛ր, այն արդեն սպիացել է։ Եթե նրան Նազգուլի տեգը վիրավորած լիներ, ինչպես դուք եք կարծում, նա կմեռներ անցյալ գիշեր։ Իմ կարծիքով, նա վիրավորվել է Հարադրիմների նետով։ Այն պահպանե՞լ են։ Ո՞վ է այն հանել։ — Նետը ես եմ հանել,— խոսեց Իմրահիլը։ — Եվ վիրակապել եմ վերքը։ Բայց նետը չեմ պահել, որովհետև ճակատամարտի ժամանակ որտե՞ղ պահեի։ Այժմ սկսում եմ հիշել, որ, այո, դա Հարադրիմների նետ էր։ Սակայն ես կարծում էի, որ այն նետել են վերևում սավառնող ստվերները, որովհետև ուրիշ ինչպե՞ս կբացատրես նրա այս տենդը։ Վերքը խորը չէր ոչ էլ՝ կյանքին սպառնացող։ Ուրեմն, ի՞նչումն է բանը, քո կարծիքով։ — Մահացու հոգնածությունը, հոր վերաբերմունքը, վերքը, և գլխավորը՝ Աև Թուլությունը,— ասաց Արագորնը,— ամենքն էլ իրենց դերն են ունեցել։ Նա ամուր կամքի տեր մարդ է, որովհետև մահացու ստվերը վաղուց է կախված նրա գլխավերևում, արտաքին պատերի մոտի ճակատամարտից դեռ շատ առաջ։ Խավարը, ըստ երևույթին, դանդաղ է սողոսկել նրա մեջ, նույնիսկ այն ժամանակ, երբ նա դեռ պայքարում էր իր դիրքերի համար։ Ափսո՛ս, որ շուտ չեմ այստեղ եկել։ Այդ պահին հայտնվեց խոտերի գիտակը։ — Ձերդ մեծությունը արքայատերև է խնդրել, ինչպես այն կոչում են գյուղացիները,— ասաց նա,— կամ ացելաս՝ ազնվական լեզվով, նրանց համար, ովքեր մի փոքր գիտեն Վալինորի լեզուն․․․ — Հենց այդպես,— պատասխանեց Արագորնը,— և ինձ համար միևնույնն է, թե դու ինչպես ես անվանում այն՝ ացէա արանիոն, թե արքայատերև, միայն թե բերած լինես հետդ։  — Ներիր, խնդրում եմ, տեր,— ասաց նա։ — Ես տեսնում եմ, որ դու ոչ միայն ռազմական հրամանատար ես, այլև հնագույն իմացությունների գիտակ։ Բայց, ավա՜ղ, մենք այդ խոտից չենք պահում Բժշկման Տներում, որտեղ բուժում են միայն ծանր վիրավորների ու հիվանդների։ Քանզի դրա մեջ ոչ մի բուժական ուժ չկա, որի մասին մենք կարող էինք իմանալ, բացառությամբ, երևի, աղտոտված օդը թարմացնելը կամ ինչ-որ անցողիկ ծանրություն քշելը։ Եթե, իհարկե, ականջ չեք դնում հինավուրց առակներին, որոնք մեր բարի Իորեթի պես կանայք դեռ կրկնում են առանց հասկանալու։ <poem>Երբ փչում է սև շունչը,Եվ աճում ստվերը մահվան,Եվ մարում են լույսեր ու երազԱրի՛ ացելաս, կյանք տուր մեռնողներինԱրքայի ձեռքերում վստահ։</poem> Բայց սա ընդամենը առակ է՝ ծեր կանանց հիշողության մեջ մնացած։ Իմաստի մասին ինքներդ դատեք՝ եթե այն գոյություն ունի։ Թեպետ, ծերունիները դեռ օգտագործում են այդ խոտի թուրմը գլխացավի համար։ — Ուրեմն, հանուն արքայի, գնա՛ ու գտիր մի որևէ ծերունու, քիչ գիտելիքներով, բայց ավելի մեծ փորձառությամբ, ով իր տանը պահում է այդ խոտից,— գոչեց Գենալֆը։ Արագորնը ծնկի եկավ Ֆարամիրի կողքին և ձեռքը դրեց նրա ճակատին։ Եվ նրանք, ովքեր նայում էին, զգացին, որ մեծ պայքար է ընթանում, քանզի Արագորնի դեմքը հոգնածությունից գորշացավ։ Ժամանակ առ ժամանակ նա տալիս էր Ֆարամիրի անունը, ամեն անգամ ավելի ցածր լսելի, ասես գնալով հեռանում էր իրեն շրջապատողներից ու տեղափոխվում ինչ-որ հեռավոր մթին հովիտ՝ փնտրելով մոլորվածին։ Վերջապես շնչակտուր հայտնվեց Բերգիլը և լաթի մեջ փաթաթված վեց տերև բերեց։ — Արքայատերև է, պարոն,— ասաց նա,— բայց, ցավոք, թարմ չէ։ Քաղել են, երևի, առնվազն երկու շաբաթ առաջ։ Հուսով եմ այն կօգնի՞, պարոն։ — Եվ նայելով Ֆարամիրի դեմքին, լաց եղավ։ Արագորնը ժպտաց։ — Ոչինչ, այդպես էլ կանցնի,— ասաց նա։ — Ամենասարսափելին արդեն անցյալում է։ Մնա այստեղ և հանգստացիր։ Հետո, երկու տերև վերցնելով ափերի մեջ, նա շնչեց դրանց վրա, ապա տրորեց ձեռքերի մեջ՝ և անմիջապես սենյակը լցվեց կենարար թարմությամբ, ասես օդն ինքը ուրախությունից տատանվեց ու շողշողաց։ Հետո նա տերևները նետեց եռացող ջրով լի ամանի մեջ, և բոլորի սրտերը միանգամից թեթևացան։ Քանզի այդ բույրը, որ հասնում էր յուրաքանչյուրին, հուշեր էր արթնացնում ինչ-որ հեռավոր երկրում անբիծ արևով ողողված ցողոտ առավոտների մասին, որի համեմատությամբ գեղեցիկ գարնանային աշխարհը պարզապես անցողիկ հիշողություն էր։ Արագորնը թարմացած, ժպտացող աչքերով վեր կացավ և ամանը մոտեցրեց ֆարամիրի քնած դեմքին։ — Հըմ, ով կմտածեր,— շշնջաց Իորեթը իր կողքին կանգնած կնոջը։ — Խոտը, պարզվում է, հասարակ չէ։ Իմլոթ Մելուիի վարդերը հիշեցի, երբ փոքրիկ աղջիկ էի․ թագավորին վայել վարդեր էին։  Հանկարծ Ֆարամիրը շարժվեց, բացեց աչքերն ու նայեց իր վրա կռացած Արագորնին՝ և ճանաչման ուրախությամբ լցվեցին նրա աչքերը, և նա ցածր ասաց․ — Իմ տիրակալ, դու կանչեցիր ինձ, և ես եկա։ Ի՞նչ կհրամայես։ — Մի խարխափիր այլևս խավարում և արթնացիր,— ասաց Արագորնը։ — Թոթափիր հոգնածությունդ, հանգստացիր մի քիչ, հաց կեր ու սպասիր իմ վերադաարձին։ — Կանեմ իչպես ասում ես, տիրակալ,— պատասխանեց Ֆարամիրը։ — Մի՞թե կարելի է անգործ պառկել, երբ վերադարձել է արքան։ — Դե, ցտեսություն,— ասաց Արագորնը։ — Ես պետք եմ մյուս հիվանդներին։ Եվ նա Գենդալֆի ու Իմրահիլի հետ դուրս եկավ սենյակից, բայց Բերեգոնդն ու նրա որդին մնացին՝ չկարողանալով զսպել իրենց ուրախությունը։ Փիփինը գնաց Գենդալֆի հետևից և, մինչև դռան փկվելը լսեց, թե ինչպես Իորեթը բացականչեց․ — Արքա՞ն։ Չէ, դու լսեցի՞ր։ Ի՞նչ էի ես ասում․ արքայի ձեռքերը բուժիչ ուժ ունեն, ահա այս չէ՞ի ասում։ Շուտով Տներում լուր տարածվեց արքայի մասին, ով վերադարձել է ու բժշկում է մարդկանց, և քիչ անց այդ մասին խոսում էր ամբողջ Քաղաքը։ Արագորնը մոտեցավ Էովինին և ասաց․ — Նա ծանր հարված է ստացել և ծանր վիրավորվել։ Սակայն կոտրված ձեռքը ձգել և կապել են պատշաճ հմտությամբ, և ժամանակի ընթացքում այն կլավանա, եթե նա ապրելու ուժ ունենա։ Կոտրված է վահան բռնած ձեռքը, բայց վտանգը գալիս է մյուս ձեռքից, որով բռնած է եղել թուրը։ Դրա մեջ այլևս կյանք չկա, թեև կոտրված չէ։ Ավա՜ղ, չար ճակատագիր բաժին ընկավ նրան։ Նա մարտնչել է իրեն թե՛ կամքով, թե՛ մարմնով բազմաթիվ անգամ գերազանցող հակառակորդի հետ։ Բոլոր նրանք, ովքեր զենք կբարձրացնեն այդպիսի հակառակորդի վրա, պետք է պողպատից ամուր լինեն, այլապես հարվածը կկործանի հենց իրենց։ Իսկ հարվածը հասցրել է աղջիկ, գեղեցիկ մի օրիորդ թագավորական տանից։ Եվ որտեղից բառեր գտնեմ՝ ասելու նրան նրա մասին։ Երբ ես առաջին անգամ տեսա նրան ու զգացի նրա տխրությունը, ինձ թվաց, թե ես սպիտակ ծաղիկ տեսա, ձիգ ու հպարտ, շուշանի պես գեղեցիկ, բայց ոչ նուրբ, այլ ամուր, ինչպես էլֆ դարբինների կռած պողպատը։ Կամ գուցե ոչ թե պողպատ, այլ սառու՞յց։ Գուցե ցուրտը սառեցրել էր այդ ծաղկի հյութը, և այն կանգնած էր արդեն դառնացած, բայց դեռ գեղեցիկ, սակայն դատապարտված չորանալու և մեռնելու։ Նրա հիվանդությունը բոլորովին էլ այսօր չի սկսել, այդպես չէ՞, Էոմեր։ — Զարմացած եմ, որ ինձ ես այդ մասին հարցնում, տեր,— պատասխանեց վերջինս։ — Ես կարծում եմ, որ քո մեղքն այստեղ չկա և ոչ էլ այլ բաներում։ Սակայն ես գիտեմ, որ ցուրտը չէր դիպել իմ քրոջը՝ մինչև քեզ իր ճանապարհին հանդիպելը։ Նա կիսում էր ինձ հետ իր անհանգստություններն ու վախը կապված թագավորի հետ այն ժամանակ, երբ Օձալեզուն կախարդել էր նրան իր զրույցներով, և աճող անհանգստությամբ էր խնամում թագավորին։ Բայց այդ չէր կարող հասցնել նրան այս վիճակին։ — Բարեկամս,— ասաց նրան Գենդալֆը,— դու արշավում էիր սիրելի նժույգիդ հեծած ու սխրանքներ գործում Ռոհանի դաշտերում, իսկ նա՝ ծնված սպասուհու մարմնում, ուներ քեզանից ոչ պակաս խիզախ սիրտ ու ամուր ոգի։ Սակայն նա ստիպված էր հոգ տանել ծերունու մասին, որին սիրում էր հոր պես, և տեսնել, թե ինչպես է նա օրեցոր ծերանում կախարդանքից ու ընկնում անպատիվ վիճակի մեջ։ Նա իրեն նվաստացած էր զգում և պակաս պետքական, քան գավազանը, որին հենվում էր Թեոդենը։ Կարծում ես, Օձալեզվի թույնը թունավոր էր միայն թագավորի ականջների համա՞ր։ «Անմիտ խելագա՛ր: Տեսնում եմ մանկության գիրկն ես ընկել: Ի՞նչ է Էորլի տունը, եթե ոչ ծղոտով ծածկված հեղձուկ խրճիթ, որտեղ քո վայրենիները անասունի պես խմում ու կոպիտ երգեր են երգում, իսկ նրանց լակոտները քոսոտ շների հետ սողում են սեղանների տակ»։ Հիշու՞մ ես այս բառերը։ Սա ասում էր Սարումանը, Օձալեզվի ուսուցիչը։ Չեմ կասկածում, որ Օձալեզուն ավելի խորամանկ ու շրջահայաց է արտահայտվել։ Իսկ քո քույրը լռել է քեզ սիրելով, պարտքի զգացմունքից ելնելով, այլապես դուք նրա շրթունքներից շատ դաժան բաներ կարող էիք լսել։ Բայց ով գիտե, թե ինչ է խոսել նա խավարում, մենակ, գիշերվա դառը ժամերին, երբ իր ապրած ողջ կյանքը թվում էր անիմաստ, իսկ սենյակը՝ վանդակ, և ինքն այդ վանդակում փակված։  Էոմերը լռեց ու նայեց քրոջը՝ խորհելով ասվածի շուրջ և վերհիշելով անցած տարիների համատեղ կյանքի օրերը։ Իսկ Արագորնն ասաց․ Ես տեսել եմ նույնը՝ ինչ որ դու, Էոմեր։ Եվ հավատա՝ ճակատագրի հարվածներից չկա ավելի դառը ու ամոթալի հարված տղամարդու համար՝ քան զգալ հրաշագեղ ու քաջ մի կնոջ սերը և չկարողանալ պատասխանել դրան։ Վիշտն ու խղճահարությունը հետևում են ինձ այն ժամանակից ի վեր, ինչ ես թողեցի նրան Դունհորոում՝ խորը հուսահատության մեջ, և գնացի Մեռածների Արահետով։ Եվ այդ ճանապարհի հանդեպ վախն ավելի փոքր էր, քան այն վախը, որ կարող էր ինչ-որ բան պատահել նրան։ Բայց այնուամենայնիվ, կասեմ քեզ, Էոմեր, որ նա քեզ ավելի շատ է սիրում քան ինձ, որովհետև նա գիտե քեզ և սիրում է գիտենալով, իսկ իմ մեջ նա սիրում է միայն ստվեր ու երազանք՝ հույս փառքի ու մեծ գործերի, Ռոհանի դաշտերից հեռու երկրներում։ Գուցե և ես կարողանամ բժշկել նրա մարմինն ու վերադարձնել նրան խավարի հովտից։ Սակայն ի՞նչ է նրան սպասվում արթնանալուց հետո․ հույս, մոռացում, թե հուսահատություն՝ այդ ես չգիտեմ։ Եթե հուսահատություն, ապա նա կմեռնի, եթե չլինի այլ բուժում, որովհետև ես ի զորու չեմ նրան բուժել, ավա՜ղ։ Եվ դա մեծ կորուստ կլինի, զի իր կատարած սխրանքով նա իրեն պսակել է մեծ փառքով ու իր արժանի տեղը գրավել ամենահռչակավոր թագուհիների շարքում։  Եվ Արագորնը կռացավ ու նայեց նրա դեմքին, և այն իսկապես շուշանի պես ճերմակ էր, սառույցի պես սառը և քարի պես կարծր։ Բայց նա համբուրեց նրա ճակատը և մեղմ կանչեց նրան՝ ասելով․ — Էովին, Էոմունդի դուստր, արթնացիր․ քո թշնամին ջախջախված է։ Աղջիկը չշարժվեց, բայց սկսեց խորը շնչել, այնպես, որ նրա կուրծքը ծածկոցի տակ բարձրացավ ու իջավ։ Եվ նորից Արագորնը ացելասի երկու տերև տրորեց ու գցեց եռման ջրի մեջ․ և դրանով լվաց նրա ճակատն ու աջ ձեռքը՝ անկենդան և սառը ընկած ծածկոցի վրա։  Կամ Արագորնն իսկապես տիրապետում էր հինավուրց Արևմուտքի մոռացված ինչ-որ հմայանքի, կամ Էովինի մասին ասված խոսքերը ներգործեցին ներկաների վրա, բայց երբ սենյակում տարածվեց արքայատերևի հրաշալի բույրը, բոլորին թվաց, թե պատուհանից քամի փչեց, թարմ, նորածին ու մաքուր, ասես դեռ ոչ մի կենդանի արարած չէր շնչել այդ օդը, և եկել էր այն աստղային գմբեթի տակ պսպղացող ձյունապատ բարձր լեռներից, կամ հեռավոր արծաթափայլ ափերից, որ լվացվում են փրփուրի ծովերով։ — Արթնացի՛ր, Էովին, Ռո՛հանի դուստր,— կրկնեց Արագորնը։ Նա բռնեց նրա աջ ձեռքը և զգաց, թե ինչպես է այն տաքանում ու կյանքի վերադառնում։ — Արթնացիր, ստվերը հեռացավ, և աշխարհը լվացվեց խավարից։ — Հետո նա աղջկա ձեռքը դրեց Էոմերի ձեռքի մեջ ու հետ գնաց։ — Կանչիր նրան,— ասաց նա և անշշուկ դուրս եկավ սենյակից։  — Էովի՛ն, Էովի՛ն,— կանչեց Էոմերը արցունքների միջից։ Եվ նա բացեց աչքերն ու ասաց․ — Էոմե՛ր, սա ի՞նչ երջանկություն է։ Նրանք ասում էին, որ դու սպանված ես․․․ Բայց ոչ, դրանք ընդամենը մութ ձայներ էին երազում։ Եվ երկա՞ր եմ ես քնել։ — Ոչ, քույր իմ, ոչ այնքան,— պատասխանեց Էոմերը։ — Մի մտածիր այլևս այդ մասին։ — Ես տարօրինակորեն հոգնած եմ,— ասաց աղջիկը։ — Երևի պետք է հանգստանամ։ Բայց ասա․ ի՞նչ եղավ Մարկի թագավորին։ Ավա՜ղ, մի ասա, որ երազ էր, որովհետև ես գիտեմ, որ դա այդպես չէ։ Նա մեռած է, ինչպես և կանխագուշակում էր։ — Նա մեռած է,— հաստատեց Էոմերը,— բայց ինձ խնդրեց իր փոխարեն հրաժեշտ տալ քեզ և ասել, որ իր համար հարազատ աղջկանից էլ թանկ էիր։ Նա այժմ մեծ պատվով պառկած է Գոնդորի Միջնաբերդի գահադահլիճում։  — Տխուր է ինձ համար այդ լսելը,— ասաց աղջիկը։ — Բայց նաև ուրախալի է, որովհետև այդպիսի փառավոր մահվան մասին ես նույնիսկ չէի համարձակվում հուսալ այն մութ օրերին, երբ թվում էր, թե Էորլի տունն ավելի անպատիվ է դարձել, քան որևէ հովվական խրճիթ։ Իսկ ինչպե՞ս է թագավորի զինակիր այն կոլոտիկը։ Դու պետք է նրան Ռոհիրմների ասպետի կոչում տաս, Էոմեր, իր քաջության համար։ — Նա այս Տանն է, պառկած է մեկ այլ սենյակում, ես հիմա գնում եմ նրա մոտ,— ասաց Գենդալֆը։ — Էոմերը կմնա քեզ հետ, բայց չխոսեք պատերազմի ու վշտի մասին, քանի դեռ չես առողջացել։ Մեծ ուրախություն է՝ տեսնել որ դու արթնացել ես ու շուտով կլինես առողջ ու հույսով լի, ո՜վ քաջ օրիորդ։ — Առո՞ղջ,— կրկնեց Էովինը։ — Առողջ՝ այո, համենայն դեպս քանի դեռ կա ինչ-որ հեծյալի դատարկ թամբ, որը ես կարող եմ զբաղեցնել ու գործեր, որ ես կարող եմ անել։ Բայց հույսով լի՞։ Չգիտեմ։ Գենդալֆն ու Փիփինը գնացին Մերիի սենյակ և գտան այնտեղ Արագորնին, մահճակալի մոտ կանգնած։  — Խեղճ ծերուկ Մե՛րի,— ճչաց Փիփինն ու վազեց նրա մահճակալի մոտ։ Նրան թվաց, թե իր ընկերոջ վիճակն ավելի է վատացել՝ նրա դեմքը գորշացել էր, ասես պատվել տարիների վշտի ծանրությամբ, և հանկարծ Փիփինը սարսափեց, որ նա կմեռնի։ — Մի վախեցիր,— ասաց Արագորնը։ — Ես ժամանակին եկա ու հասցրի նրան հետ կանչել։ Նա շատ հոգնած է ու լցված վշտով։ Եվ նա նույնպես Էովինի պես վիրավոր է, որովհետև համարձակվել է հարվածել մահացու ուրվականին։ Բայց այդ չարիքը հնարավոր է շտկել, որովհետև նա ուժեղ և զվարթ հոգի ունի։ Վիշտը չի մոռացվի, բայց և չի մթագնի նրա սիրտը, փոխարենը կիմաստացնի նրան։ Արագորնը ձեռքը դրեց Մերիի գլխին, զգուշորեն շոյեց նրա գանգուրները և դիպավ կոպերին՝ կանչելով նրան անունով։ Եվ երբ ացելասի բույրը տարածվեց սենյակում, ինչպես արևի տակ տարածված մեղուներով լի մրգատու այգիների ու հավամրգու բույրը, հանկարծ Մերին արթնացավ ու ասաց․ — Սոված եմ։ Ժամը քանի՞սն է։ — Ընթրիքի ժամն անցել է,— պատասխանեց Փիփինը։ — Բայց ես, թերևս, վազեմ քեզ համար մի բան բերեմ, եթե կտան։ — Կտան, կտան,— հանգստացրեց Գենդալֆը։ — Ինչպես նաև ցանկացած այլ բան, որ կարող է ցանկանալ այս ռոհանցի հեծյալը,եթե այն կարելի է գտնել Մինաս Թիրիթում, որտեղ նրա անունը փառքով է պսակված։  — Այ դա լավ է,— ասաց Մերին։ — Էդ դեպքում ես սկզբում ընթրիք եմ ուզում, իսկ հետո՝ ծխամորճ։ — Բայց հանկարծ նրա դեմքը մթագնեց։ — Ո՛չ, ո՛չ մի ծխամորճ, ես երևի էլ երբեք ծխամորճ չեմ ծխի։ — Էդ ինչու՞, որ,— զարմացավ Փիփինը։ — Դե,— դանդաղ ասաց Մերին,— որովհետև նա մեռած է։ Ես ամեն ինչ հիշեցի։ Նա ասաց, որ ցավում է, որ ժամանակ չունեցավ ինձ հետ խոսելու ծխատերևների մասին։ Դա գրեթե վերջին բանն էր, որ նա ասաց։ Ես էլ երբեք չեմ կարող ծխել՝ առանց հիշելու նրան ու այն օրը, երբ նա մոտեցավ Իզենգարդի դարպասին ու այդքան սիրալիր խոսեց մեզ հետ։ — Ուրեմն ծխիր ու մտածիր նրա մասին,— խորհուրդ տվեց Արագորնը։ Որովհետև նա քնքուշ սիրտ ուներ ու մեծ թագավոր էր, և նա պահեց իր երդումները և դուրս եկավ ստվերից, և հրաշալի էր նրա վերջին առավոտը։ Թեև քո ծառայությունը կարճ տևեց, բայց դու պետք է այն հիշես ուրախությամբ ու հպարտությամբ՝ մինչև քո օրերի վերջը։  Մերին ժպտաց։ — Դե ուրեմն, թող Պանդուխտն ինձ ծխատերև ու ծխամորճ տա, իսկ ես կծխեմ ու կմտածեմ,— ասաց նա։ — Իմ ուղեպարկում Սարումանի լավագույն պահուստներից մնացած ծխատերև կար, բայց թե ինչ եղավ այն ճակատամարտի ժամանակ՝ չգիտեմ։ — Պարոն Մերիադոք,— ասաց Արագորնը,— եթե կարծում ես, որ ես անցել եմ լեռները և կրակով ու սրով ճանապարհ հարթել դեպի Գոնդորի տիրույթներ, որ ծխատերև բերեմ մի ցրված ռազմիկի համար, ով կորցրել է իր ուղեպարկը, ապա սխալվում ես։ Եթե ուղեպարկդ չգտնվի, դիմիր այստեղի խոտագիտակին։ Նա կասի քեզ, որ քո ուզած բույսը ոչ մի օգտակար հատկություններ չունի՝ ինչքան որ ինքը գիտե, և որ հասարակ ժողովուրդը դրան անվանում է արևմտյան խոտ, իսկ գիտակները կոչում են գալենաս, իսկ ավելի ազնվական լեզուներով կոչվում է այսպես ու այնպես, հետո քեզ համար մոռացված առակ կարտասանի, որի իմաստն ինքն էլ չի հասկանում, և վերջում ցավով կտեղեկացնի, որ դրանից այս Տանը չկա ու կհեռանա՝ թողնելով քեզ խորհելու լեզուների ծագումնաբանության մասին։ Եվ ես նույնպես քեզ պետք է թողնեմ, որովհետև չեմ քնել այսպիսի փափուկ անկողնում Դունհորոուից դուրս գալուց ի վեր ու երեկ երեկոյից ոչ մի բան բերանս չեմ դրել։  Մերին բռնեց նրա ձեռքն ու համբուրեց։  — Ներիր, խնդրում եմ,— ասաց նա։ — Գնա անմիջապես, հանգստացիր։ Բրիի էն գիշերից հետո կպել ենք քեզ ու պոկ չենք գալիս։ Բայց մենք՝ հոբիթներս էդպիսին ենք, ինչ կարող ես անել․ լուրջ պահերին միշտ անհեթեթ բաներ ենք ասում։ Վախենում ենք ավելին ասել։ Երբ կատակելու տեղ չկա, մենք չգիտենք, թե ինչ խոսել։ — Ես այդ հիանալի գիտեմ, դրա համար էլ պատասխանում եմ քեզ նույն կերպով,— պատասխանեց Արագորնը։ — Թո՛ղ որ Հոբիթստանի կենսուրախ ոգին երբեք չմարի։  Եվ նա, Մերիին համբուրելով, Գենդլաֆի հետ դուրս եկավ։ Փիփինը մնաց ընկերոջ մոտ։ — Տեսնես նրա նման մեկ ուրիշը կա՞,— ասաց նա։ — Բացի Գենդալֆից, իհարկե։ Ինձ թվում է, նրանք պետք է ազգականներ լինեին։ Իմ թանկագին ավանակ, քո ուղեպարկը դրված է մահճակալիդ կողքին, և այն քո մեջքին էր, երբ ես քեզ հանդիպեցի։ Էս ամբողջ ժամանակ Պանուխտը տեսնում էր այն, իհարկե։ Եվ առհասարակ, ինձ մոտ էլ է ինչ-որ բան պահպանվել։ Վերցրու, Խորահովտի տերև է։ Լցրու ծխամորճդ, իսկ ես գնամ ուտելու բան փնտրեմ։ Հետո մեզ համար կհանգստանանք՝ հերիք է․ մենք՝ Տուկերս ու Բրենդիբաքերս, սովոր չենք բարձունքներում երկար ապրել։ — Հա, սովոր չենք,— ընդունեց Մերին։ — Համենայն դեպս առայժմ։ Բայց հիմա մենք գոնե տեսնում ենք էդ բարձունքներն ու հարգանք տածում դրանց նկատմամբ, ճի՞շտ է։ Բայց սկսզբում պետք է սիրել այն, ինչին ձգվում է սիրտդ, ունենալ ինչ-որ արմատներ, իսկ Հոբիթստանի հողը խորն է։ Այնուամենայնիվ ավելի խորը և ավելի բարձր բաներ կան, որոնք, եթե չլինեին, ոչ մի Ծերուկ չէր կարողանա հոգ տանել իր պարտեզի մասին ու սքանչանալ աշխարհով, թեև ինքն էդ մասին ոչինչ չգիտի։ Ես ուրախ եմ, որ մի փոքր գիտեմ էդ բաների մասին։ Բայց չեմ հասկանում, թե էս ինչի էսպես խորացա։ Տուր էստեղ էդ տերևը։ Եվ տոպրակիցս հանիր ծխամորճս, եթե ջարդված չէ։ Արագորնն ու Գենդալֆը գնացին Բժշկման Տների գլխավորի մոտ և խորհուրդ տվեցին նրան դեռ մի քանի օր պահել Ֆրամիրին ու Էովինին և հոգ տանել նրանց մասին։ — Օրիորդ Էովինը,— ասաց Արագորնը,— շուտով կուզենա վեր կենալ ու հեռանալ այստեղից, բայց դուք չպետք է թույլ տաք նրան այդ անել․ փորձեք ինչ-որ կերպ պահել նրան գոնե տասը օր։ — Ինչ վերաբերում է Ֆարամիրին,— շարունակեց Գենդալֆը,— նա շուտով կիմանա, որ իր հայրը մահացել է։ Բայց Դենեթորի խելագարության մասին ամբողջ պատմությունը պետք չէ նրան պատմել, քանի դեռ նա բավականաչափ չի ապաքինվել և չի անցել իր պարտականությունների կատարմանը։ Ուշադիր եղեք, որ Բերեգոնդն ու փերիանը՝ ականատեսները, բերանները փակ պահեն։ — Իսկ ինչպե՞ս վարվենք մյուս փերիանի՝ Մերիադոքի հետ, որ նույնպես պառկած է այստեղ,— հարցրեց գլխավորը։ — Նա, երևի, առավոտյան արդեն կուզենա վեր կենալ,— պատասխանեց Արագորնը։ — Եթե ուզենա՝ թույլ կտաք։ Թող զբոսնի իր ընկերների հետ։  — Զարմանալի ժողովուրդ են,— գլուխն օրորեց գլխավորը,— և զարմանալիորեն ամուր են։ Տների դռան մոտ արդեն շատերն էին հավաքվել՝ տեսնելու Արագորնին, և գնացին նրա հետևից։ Երբ նա վերջապես ընթրեց, մարդիկ եկան ու խնդրեցին, որ նա բժշկի իրենց հարազատին կամ բարեկամին, ովքեր վիրավոր էին կամ հիվանդ Սև Թուլությունով։ Եվ վեր կացավ Արագորնը ու դուրս եկավ, և ուղարկեց Էլրոնդի որդիների հետևից, և նրանք միասին մինչև ուշ գիշեր աշխատում էին։ Եվ Քաղաքով մեկ թռչում էր լուրը, որ Արքան իսկապես վերադարձել է։ Եվ նրան անվանեցին Էլֆական Քար՝ կանաչ բյուրեղի պատճառով, որ նա կրում էր, և այդպիսով, անունը, որ նախագուշակվել էր նրա ծննդյան ժամանակ, ընտրվեց հենց իր ժողովրդի կողմից։ Եվ երբ այլևս ի վիճակի չէր աշխատել, նա փաթաթվեց իր թիկնոցի մեջ ու դուրս եկավ Քաղաքից, և լուսաացից առաջ մի փոքր քնեց իր վրանում։ Իսկ առավոտյան աշտարակի վրա ծածանվեց Դոլ Ամրոթի զինադրոշը՝ ճերմակ նավը կապույտ ջրում, նման կարապի, և մարդիկ նայում էին վերև՝ մտածելով․ «Միթե երազ էր Արքայի վերադարձը»։ ====Գլուխ իներորդ․ Վերջին խորհրդակցությունը==== Ճակատամարտի հաջորդ առավոտը պարզ էր, երկնքում թեթև ամպեր էին լողում, և քամին փոխվել ու փչում էր արևմուտքից։ Լեգոլասն ու Գիմլին վաղ էին արթնացել և թույտվություն խնդրեցին բարձրանալ Քաղաք, քանի որ շատ էին ուզում տեսնել Մերիին ու Փիփինին։  — Շատ լավ է, որ մինչև հիմա ողջ են,— ասաց Գիմլին։ — Շատ ծանր օրեր ունեցանք Ռոհանի հարթավայրում նրանց հետապնդելուց, և ես չէի ցանկանա, որ այդ ամենը ապարդյուն անցներ։ Էլֆն ու թզուկը միասին մտան Մինաս Թիրիթ, և մարդիկ զարմանք էին կտրում՝ տեսնելով նրանց․ գեղեցկադեմ Լեգոլասին, ով մաքուր ու հնչեղ ձայնով էլֆական երգեր էր երգում և Գիմլիին, ով քայլում էր նրա կողքով, շոյում մորուքն ու նայում շուրջը։  — Այստեղ լավ է պատված, և քարն էլ է լավը,— ասաց թզուկը։ — Բայց ահա այնտեղ և շատ տեղերում այնքան էլ լավ չէ, և փողոցներն էլ կարող էին ավելի լավ պլանավորել։ Երբ Արագորնը ստանձնի իր պարտավորությունները, ես նրան կառաջարկեմ Լեռան քարտաշների ծառայությունը, և մենք այս Քաղաքը հպարտանալու քաղաք կդարձնենք։ — Նրանց շատ պարտեզներ են պետք,— ասաց Լեգոլասը։ — Տները մեռած են, իսկ աճող կանաչ գրեթե չկա, որով կարելի է ուրախանալ։ Եթե Արագորնը ստանձնի իր պարտականությունները, Անտառի բնակիչները նրա համար երգող թռչուններ կբերեն ու չմեռնող ծառեր։ Վերջապես նրանք հանդիպեցին իշխան Իմրահիլին, և Լեգոլասը նայեց նրան ու խոնարհվեց, քանզի հասկացավ, որ նա էլֆական ծագում ունի։  — Բարև, տիրակալ,— ասաց նա։ — Վաղուց են Նիմրոդելի մարդիկ լքել Լորիենի անտառները, բայց, երևում է, ոչ բոլորն են Ամրոթի նավահանգստից Արևմուտք լողացել։ — Այո, այդպես է ասվում իմ երկրի ավանդություններում,— պատասխանեց իշխանը։ — Բայց շատ վաղուցվանից այստեղ զարմանահրաշ ժողովրդից ոչ մի ներկայացուցիչ չէր եղել։ եվ ես զարմացած եմ, տեսնելով այստեղ, այս վշտի ու պատերազմի մեջ նրանցից մեկին։ Ի՞նչն է քեզ այստեղ բերել։  — Ես Իննից մեկն եմ, որ ճանապարհվեցին Գենդալֆի հետ Իմլադրիսից,— պատասխանեց Լեգոլասը։ — Եվ մենք այստեղ ենք եկել այս թզուկի՝ իմ ընկերոջ, ու Արագորնի հետ։ Եվ հիմա ուզում ենք տեսնել մեր ընկերներին։ Մեզ ասացին, որ Մերիադոքն ու Փերեգրինը քո խնամակալության տակ են։ — Դուք կգտնեք նրանց Բշժկման Տներում, և ես կտանեմ ձեզ այնտեղ,— ասաց Իմրահիլը։ — Այն էլ բավական կլինի, եթե ինչ-որ մեկին կարգադրես, որ առաջնորդի մեզ, տիրակալ,— ասաց Լեգոլասը։ — Որովհետև Արագորնը խնդրել է հաղորդել քեզ, որ չի ուզում նորից մտնել Քաղաք այս ժամին, սակայն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է հրամանատարների խորհուրդ գումարել, և նա խնդրում է քեզ և Էոմեր Ռոհանցուն անհապաղ իջնել իր վրանը։ Միթրանդիրն արդեն այնտեղ է։ — Հիմա կգնանք,— խոստացավ Իմրահիլը, և նրանք բաժանվեցին քաղաքավարի խոսքերով։ — Նա մեծ տիրակալ է և քաջարի զորավար,— ասաց Լեգոլասը։ — Եթե Գոնդորը դեռ այսպիսի մարդիկ ունի այս մայրամուտի օրերին, ուրեմն, պատկերացնում եմ, թե ինչ փառք է ունեցել իր ծագման օրերին։ — Այո, հին կառույցների պատերն, անկասկած, ավելի վարպետորեն են շարված,— նկատեց Գիմլին։ — Այդպես է լինում ամեն բան, ինչ սկսում են մարդիկ․ ցանում են լավ, հետո գարնանը ցրտահարություն է լինում, ամռանը՝ երաշտ, և բերքը այնպիսին չի լինում, ինչպիսին խոստացված էր։ — Այնուամենայնիվ ամբողջ բերքը չի փչանում,— ասաց Լեգոլասը։ — Փոշու, կեղտի ու փտած տերևների մեջից հանկարծ նոր ծիլ է բարձրանում, և բոլորովին անսպասելի տեղում։ Ոչ, Գիմլի, մարդկանց գործերը մեզանից ավելի երկար կապրեն։ — Այնուամենայնիվ վերջում կլինի միայն ստվերը այն բանի, ինչը կարող էր լինել,— առարկեց թզուկը։ — Դրան էլֆերը պատասխան չունեն,— ասաց Լեգոլասը։ Եկավ իշխանի սպասավորը և առաջնորդեց նրանց Բժշկման Տներ։ Եվ այնտեղ նրանք հանդիպեցին իրենց ընկերներին այգում, և ուրախ էր նրանց հանդիպումը։ Որոշ ժամանակ նրանք զբոսնում ու խոսում էին՝ ուրախանալով կարճ հանգստի և խաղաղության համար առավոտյան երկնքի տակ, և վայելում Քաղաքի վերին օղակների քամոտ, թարմ օդը։ Հետո, երբ Մերին հոգնեց, նրանք նստեցին պատին, որի հետևում գտնվում էր Բժշկման Տների մարգագետինը։ Իսկ հարավում, հեռվում, նրանց առջև արևի տակ փայլում էր Անդուինի ժապավենը, որը հեռանում էր դեպի Լեբինինի ու Հարավային Իթիլիենի կանաչ մեգի մեջ կորած լայնարձակ հովիտներն ու կորչում նույնիսկ Լեգոլասի աչքից։ Եվ Լեգոլասը լռեց՝ նայելով արևոտ հեռուն և տեսավ ծովային ճերմակ թռչուններ, որ սավառնում էին Գետի գլխին։ — Տեսե՛ք,— բացականչեց նա,— Ճայե՛րը, նրանք դեպի երկրի խորքն են թռչում։ Այս զարմանալի թռչուններն անհանգստացնում են հոգիս։ Երբևէ չէի տեսել սրանցից, մինչև Փելարգիր հասնելը, և այնտեղ առաջին անգամ լսեցի նրանց ճիչը, երբ գնում էինք մարտի՝ նավերի համար։ Ու ես կանգ առա՝ մոռանալով Միջերկիրը ցնցող պատերազմի մասին, քանզի նրանց ճչացող ձայները պատմում էին ինձ ծովի մասին։ Ծո՜վ։ Ավա՜ղ, ես այն այդպես էլ չտեսա։ Բայց իմ բոլոր ցեղակիցների սրտի խորքում թաքնված ծովի կարոտ կա, որն արթնացնելը վտանգավոր է։ Է՜հ, ճայեր, ճայեր, չեմ ունենալու ես այլևս հանգիստ անտառում, ո՛չ կաղնու, ո՛չ ծփու տակ։  — Այդպես մի ասա,— առարկեց Գիմլին։ — Միջերկրում դեռ անթիվ անհամար բաներ կան տեսնելու և անելու։ Բայց եթե ողջ զարմանահրաշ ժողովուրդը հեռանա նավահանգիստներ, ապա աշխարհը կդառնա ավելի տխուր նրանց համար, ովքեր դատապարտված են մնալու։ — Այո, չափազանց տխուր,— համաձայնեց Մերին։ — Չէ, Լեգոլաս, դու մի գնա Նավահանգիստ։ Միշտ էլ կգտնվեն ժողովուրդներ, մեծ կամ փոքր, և նույնիսկ մի քանի Գիմլիի պես իմաստուն թզուկներ, որոնց դու պետք ես։ Ամեն դեպքում ես էդպես եմ կարծում։ Թեպետ, ինձ թվում է, որ էս պատերազմի ամենավատը դեռ առջևում է։ Ինչքա՜ն կցանկանայի, որ ամեն ինչ վերջանար և լավ վերջանար։  — Հերիք կռկռաս,— բարկացավ Փիփինը։ — Արևը շողում է, և մենք ամենաքիչը մեկ-երկու օր էլ դեռ միասին կլինենք։ Ես, օրինակ, շատ եմ ուզում լսել ձեր արկածների մասին։ Դե, Գիմլի, սկսիր, դու և Լեգոլասն այս առավոտ արդեն տասնյակ անգամ հիշեցիք Պանդուխտի հետ ձեր արտասովոր ճամփորդության մասին, բայց էդպես էլ կարգին բան չպատմեցիք։  — Այստեղ արևը շողում է, դա իհարկե,— ասաց Գիմլին։ — Բայց այդ ճանապարհի մասին հուշեր կան, որ ես չէի ցանկանա լույս աշխարհ հանել։ Եթե նախապես իմանայի, թե ինչ է սպասում ինձ առջևում, ոչ մի բարեկամություն ինձ չէր ստիպի գնալ Մեռածների Արահետով։ — Մեռածների Արահետո՞վ,— կրկնեց Փիփինը։ — Ես Արագորնից լսել եմ էդ բառերը, և ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչ են դրանք նշանակում։ Դե ինչ, կպատմե՞ս էդ մասին։ — Դժկամությամբ,— ասաց Գիմլին։ — Քանի որ այդ ճանապարհին ես, առանց կատակի, ամոթով եղա․ ես՝ Գիմլին, Գլոյնի որդին, որ ինձ մարդկանցից ավելի դիմացկուն և ամուր էի համարում, և գետնի տակ ավելի անվախ, քան ցանկացած էլֆ։ Պարզվեց՝ այդպես չէր, և ինձ այդ ճանապարհին պահում էր միայն Արագորնի կամքը։ — Եվ սերը նրա նկատմամբ,— ավելացրեց Լեգոլասը։ — Որովհետև բոլորը, ովքեր ճանաչում են նրան, սկսում են սիրել, ամենքն իր ձևով՝ նույնիսկ Ռոհիրիմների այդ սառը օրիորդը։ Մենք հեռացանք Դունհորրուից ձեր այնտեղ գալու օրը՝ վաղ առավոտյան, Մերի, և ժողովուրդն այնպիսի սարսափի մեջ էր, որ ոչ ոք նույնիսկ դուրս չեկավ տեսնելու, թե ինչպես ենք մենք հեռանում, բացի օրիորդ Էովինից, ով հիմա պառկած է այստեղ, այս Տանը։ Այդ բաժանումն այնքան տխուր էր, և այնքան ցավալի էր ինձ համար այդ տեսնելը։  — Ավա՜ղ, ես այդ ժամանակ միայն ինձ համար էի ցավում,— հառաչեց Գիմլին։ — Ոչ, ես չեմ ուզում խոսել այդ ճամփորդության մասին։ Նա լռեց, բայց Մերին ու Փիփինն այնքան շատ էին ուզում լսել այդ պատմությունը, որ վերջապես Լեգոլասն ասաց․ — Թող այդպես լինի, ես կպատմեմ ձեզ այդ մասին, բայց միայն այնքան, որքան բավական կլինի, որպեսզի դուք խաղաղվեք։ Ինձ համար այդ ճամփորդությունը սարսափելի չէր, քանզի ինձ չեն վախեցնում անզոր ու փխրուն մարդկային ուրվականները։  Եվ նա արագ պատմեց լեռների միջով ձգվող անիծված ճանապարհի մասին, ուրվականների հետ հանդիպման մասին Էրեխի մոտ, և սրընթաց արշավի մասին, իննսուներեք լիգ դեպի Փելարգիր՝ Անդուինի վրա։  — Աև Քարից հետո մենք անընդհատ սլանում էինք չորս օր ու գիշեր, իսկ հետո և հինգերորդ օրը,— ասաց Լեգոլասը։ — Եվ, հավատու՞մ եք․ որքան ավելի էր խտանում Մորդորից ուղարկված խավարը, այնքան ավելի էի ես հույսով լցվում, քանզի Ուրվականների Զորքն այդ մթնշաղում ասես գնալով ավելի էր ուժեղանում ու ավելի սարսափելի տեսք ընդունում։ Նրանք կրնկակող գալիս էին մեր հետևից՝ ոմանք ընթանում էին ձիերով, մյուսները՝ ոտքով, բայց բոլորն էլ միևնույն արագությամբ էին ընթանում։ Նրանք լուռ էին, բայց նրանց աչքերը սառը փայլում էին։ Լամեդոնի բարձրավանդակում նրանք հասան մեզ ու շրջապատեցին աջ ու ձախ կողմերից, և կանցնեին մեզ, եթե Արագորնը չարգելեր։ Նրա հրամանով նրանք նորից հետ ընկան։  «Նույնիսկ ուրվականային ստվերներն են ենթարկվում նրան»,— մտածեցի ես ու հասկացա, որ եթե ենթարկվում են, ուրեմն նաև կօգնեն։ Առաջին օրը մենք դեռ լույսով էինք գնում, իսկ մյուս օրն այլևս լույսը չբացվեց, բայց մենք շարունակում էինք գնալ․ կտրեցինք անցանք Սիրիլն ու Ռինգլոն և երրորդ օրը մոտեցանք Լինհիրին՝ Գիլրայնի գետաբերանի մոտ։ Այնտեղ Լամենդոնցիները կռվում էին Ումբարից և Հարադից ժամանած զորքի հետ՝ գետանցումների համար։ Եվ երբ մենք մոտեցանք, և՛ պաշտպանները, և՛ հարձակվողները դադարեցրին մարտն ու սարսափահար փախան՝ ճչալով, որ Մեռածների Թագավորը հարձակվել է իրենց վրա։ Միայն Անգբորը՝ Լամեդոնի տիրակալը սիրտ արեց մնալ, և Արագորնը հրամայեց նրան հավաքել իր մարդկանց ու հետևել մեզ՝ չվախենալով Ուրվականային Զորքից։  «Փելարգիրում դու պետք կլինես Իսիլդուրի ժառանգին»,— ասաց նա։ Ադպես մենք կտրեցինք անցանք Գիլրայնը՝ մեր առջևից քշելով Մորդորի դաշնակիցներին, իսկ հետո մի փոքր հանգստացանք։ Սակայն շուտով Արագորնը ոտքի ելավ ու ասաց․ «Տեսե՛ք, Մինաս Թիրիթն արդեն պաշարված է։ Վախենում եմ, որ նախքան մենք օգնության կհասնենք, այն ընկած կլինի»։ Ու այդպես մենք կրկին ճանապարհ ընկանք ու ամբողջ գիշեր սլացանք այնպիսի արագությամբ, ինչպիսի արագությամբ որ մեր ձիերը կարողանում էին վազել Լեբինինի հարթավայրերով։  Լեգոլասը դադար տվեց ու հառաչեց, ապա, հայացքը մեղմորեն շրջելով դեպի հարավ, երգեց․ <poem>Սելոսից Էուրի է հոսում արծաթե հոսանքըԼեբինինի կանաչ դաշտերում,Ծովային քամուց տատանվում են շուշանները,Եվ բարձր խոտ է այնտեղ աճում։Եվ ցնցվում են Ալֆիրինի ոսկե զանգերը քամուց՝Լեբինինի կանաչ դաշտերում։</poem> — Էլֆական երգերում այդ դաշտերը կանաչ են, բայց մեր առջև խտացող խավարի մեջ դրանք մութ, մոխրագույն ու անկյանք էին թվում։ Եվ այդ ընդարձակ երկրում, ուշադրությություն չդարձնելով ծաղիկների ու խոտերին, տրորելով դրանք, մենք հետապնդում էինք մեր թշնամիներին օր ու գիշեր, մինչև վերջապես հասանք ՄԵծ Գետին։ Այն ժամանակ հոգուս խորքում ես մտածեցի, թե հասել ենք Ծովին, քանզի մթության մեջ ջուրը լայնարձակ էր թվում, և անհամար ծովային թռչուններ էին ճչում ափերին։ Այդտեղ ես լսեցի ճայերի ձայնը․ ավա՜ղ։ Գալադրիելը զգուշացրել էր ինձ։ Այդ օրվանից ես նրանց մոռանալ չեմ կարող։ — Իսկ ես նրանց ուշադրություն չդարձրի,— ասաց Գիմլին։ — Քանզի մենք, վերջապես, իսկական կռվի մեջ մտանք։ Այնտեղ՝ Փելարգիրում էր գտնվում Ումբարի գլխավոր նավատորմը՝ հիսուն վիթխարի նավեր, իսկ փոքրերին թիվ ու համար չկար։ Շատերը, ում մենք հետապնդում էինք, մեզանից շուտ էին հասել նավահանգիստներ ու այնտեղ վախ տարածել, և նավերից մի քանիսը նահանջում էին՝ փորձելով փրկվել Գետով ներև լողալով կամ մյուս ափն անցնելով, իսկ մանր նավերից շատերը կրակի էին տվել։ Բայց Հարադցիները քշվելով Գետի ափը ու հասկանալով, որ նահանջելու այլևս տեղ չկա, շրջվեցին ու հուսահատ կատաղությամբ մարտի մեջ մտան, և նրանք ծիծաղում էին, նայելով մեզ, որովհետև դեռ մեծաթիվ ու հզոր զորք էին։ Այդ ժամանակ Արագորնը կանգ առավ ու բարձր ճչաց․ «Ժամանա՛կն է․ Սև Քարի անունով եմ հրամայում եմ ձեզ, առա՜ջ»։ Եվ հանկարծ, Ուրվականային Զորքը, որ գալիս էր մեր հետևից, ծառացավ մոխրագույն ալիքի պես ու քշվեց առաջ՝ իր ճանապարհին մաքրելով ամեն ինչ։ Ես միայն թույլ ճիչեր էի լսում, եղջերափողերի աղոտ կանչեր ու անթիվ անհամար ձայների մրմնջոց․ այդ ամենը Մեծ Խավարի տարիներին տեղի ունեցած և վաղուց մոռացված ինչ-որ ճակատամարտի արձագանք լիներ կարծես։ Մերկացվել էին դժգույն թրերը, բայց ես չգիտեմ՝ արդյո՞ք դրանք դեռևս սուր էին, որովհետև մեռածներին ոչ մի զենք այլևս պետք չէր․ վախը բավական էր։ Ոչ ոք նրանց չէր դիմադրում: Նրանք բարձրացան ափին կառանված բոլոր նավերի վրա, հետո ջրի վրայով շարժվեցին դեպի խարիսխ գցած նավերը, և բոլոր ծովայինները, խելացնոր սարսափով համակված, իրենց գցում էին ջուրը․ մնացին միայն թիերից շղթայված ստրուկները։ Մենք քշում էինք թշնամիներին դեպի ափ, և նրանք ցրվում էին, ինչպես քամուց քշվող տերևներ։ Հետո, մնացած մեծ նավերի վրա Արագորնը Դունադաններ ուղարկեց, և նրանք հանգստացրին նավերում մնացած գերիներին՝ ազատ արձակելով նրանց ու հորդորելով չվախենալ։  Մինչև այդ մութ օրվա ավարտը ոչ մի թշնամի չմնաց, որ կարող էր մեզ դիմակայել․ մի մասը խեղդվեցին, մյուսները գլխապատառ թռչում էին հարավ՝ հույս ունենալով ոտքով հասնել իրենց երկիր։ Տարօրինակ ու հրաշալի էր թվում ինձ, որ Մորդորի ծրագրերը ձախողում են այդ սարսափազդու խավարի ուրվականները։ Թշնամուն ջարդում էր իր իսկ զենքը։ — Իսկապես տարօրինակ է,— ասաց Լեգոլասը։ — Եվ այդ ժամին ես նայում էի Արագորնին ու մտածում, թե ինչպիսի ահեղ, ահարկու և ամենակարող տիրակալ կարող էր նա դառնալ այդպիսի կամքի ուժով, եթե Մատանին վերցներ իրեն։ Իզուր չէ Մորդորը նրանից վախենում։ Սակայն նրա հոգին ավելի ազնիվ ու մաքուր է, քան Սաուրոնի հասկացությունները․ քանզի մի՞թե նա Լութիենի զարմից չէ։ Այդ ճյուղը երբեք չի չորանա, թեկուզ անցնեն անհամար տարիներ։ — Թզուկներն այդքան հեռուն չեն տեսնում, որ այդպիսի կանխագուշակումներ անեն,— ասաց Գիմլին։ — Բայց Արագորնն այդ օրն իրոք հզոր էր։ Եվ ահա, երբ ամբողջ նավատորմը իր ձեռքում էր, Արագորնն ընտրեց ամենամեծ նավն ու բարձրացավ դրա վրա։ Այնուհետև հրամայեց փչել բոլոր շեփորներից, որ թողել էին թշնամիները, և Ուրվականային Զորքը նահանջեց դեպի ափը։ Այնտեղ նրանք կանգնել էին լուռ, որ տեսանելի չլինեն, միայն այրվող նավերի կարմիր ցոլքն էր արտացոլվում նրանց աչքերում։ Եվ Արագորնը որոտացող ձայնով դիմեց նրանց․ «Լսեցե՛ք այժմ Իսիլուրի ժառանգի խոսքերը։ Ձեր երդումը կատարված է։ Վերադարձեք և այլևս չխաթարեք հովիտների հանգիստը։ Հեռացեք և խաղաղություն գտեք»։ Այդ ժամանակ Մեռյալների Թագավորը կանգնեց իր զորքի առջև, կոտրեց նիզակն ու նետեց մի կողմ։ Հետո ցածր խոնարհվեց ու շրջվեց՝ և Ուրվականների Զորքը քամուց քշվող մշուշի պես արագորեն ցրվեց ու անհետացավ․ և ինձ թվաց, թե ասես արթնացա քնից։ Այդ գիշեր մենք հանգստանում էինք, մինչդեռ մյուսներն աշխատում էին։ Քանզի շատ գերիներ ու ստրուկներ էին ազատ արձակվել, որոնց գերեվարել էին Գոնդորի վրա ավազակային հարձակումների ժամանակ։ Շուտով շատ մարդիկ եկան Լեբինինից ու Էթիրից։ Լամեդոնից եկավ Անգբորը իր ձիավորների հետ՝ ում կարողացել էր հավաքել։ Այժմ, երբ մեռյալների հանդեպ վախը վերացել էր, նրանք եկել էին մեզ օգնելու և տեսնելու Իսիլդուրի ժառանգին՝ այդ անվան մասին լուրերը տարածվել էին, ինչպես հրդեհը խավարում։ Եվ ահա գրեթե հասանք մեր պատմության ավարտին։ Այդ երեկո և գիշերը բազմաթիվ նավեր կահավորվեցին ու լցվեցին անձնակազմերով, և առավոտյան նավատորմը ճանապարհ ընկավ։ Թվում է, թե բավական ժամանակ է անցել, բայց դա ընդամենը երեկ առավոտյան էր՝ վեցերորդ առավոտը Դունհորոուից դուրս գալուց հետո։ Այնուհանդերձ Արագորնը վախենում էր, որ ժամանակ շատ քիչ է մնացել։ «Փելարգիրից մինչև Հարլոնդի նավահանգիստը քառասուն և երկու լիգ է,— ասաց նա։ — Բայց մենք այնտեղ պետք է լինենք վաղը կամ ամեն ինչ կորած է»։ Թիավարում էին այժմ ազատ մարդիկ և աշխատում էին նրանք եռանդով, սակայն, այնուամենայնիվ, մենք դանդաղ էինք բարձրանում Մեծ Գետով, քանի որ գնում էինք հոսանքին հակառակ․ չնայած այն բանին, որ հարավում հոսանքը դանդաղ էր, բայց հակառակի պես քամի չկար։ Սիրտս արդեն սկսել էր վշտանալ, որովհետև թեև մենք հաղթել էինք, բայց ի՞նչ օգուտ դրանից։ Բայց հանկարծ Լեգոլասը ծիծաղեց։ «Մորուքդ մի կախիր, Դուրինի որդի,— ասաց նա։ — Քանզի ինչպես ասում են․ երբ ամեն ինչ կորած է, նոր դուռ է բացվում»։ Բայց թե ինչ դուռ՝ նա չասաց։ Եկավ գիշերը, խավարը խտացավ, և մեր սրտերը վառվում էին անհամբերությունից, որովհետև հեռու հյուսիսում ամպերի տակ կարմիր հրացոլք էր երևում, և Արագորնն ասաց․ «Մինաս Թիրիթն այրվում է»։ Սակայն կեսգիշերին հույսն իսկապես նորից բացվեց։ Էթիրի հմուտ ծովայինները, նայելով հարավ, խոսում էին փոփոխության մասին, որ բերում էր ծովից փչող թարմ քամին։ Դեռ լուսաբացից շատ առաջ կայմավոր նավերը առաագաստ բարձրացրին, և մենք սկսեցինք ավելի արագ լողալ, մինչև լուսաբացի շողերի տակ նավերի քթերը փրփուրից ճերմակեցին։ Եվ այդպես, ինչպես արդեն գիտեք, առավոտյան երրորդ ժամին մենք համընթաց քամու թևով, արևի առաջին ճառագայթների հետ հասանք Մինաս Թիրիթ և, բարձրացնելով մեծ զինադրոշը, ճակատամարտի մեջ մտանք։ Եվ ինչ էլ որ հետո կատարվեր, դա մեծագույն օր էր ու մեծագույն ժամ։ — Այո, ինչ էլ որ հետո կատարվեր, նման մեծ գործերը դրանից չէին արժեզրկվի,— ասաց Լեգոլասը։ Մեծ սխրանք էր Մեռածների Արահետով գնալը և մեծ էլ կմնա, նույնիսկ եթե Գոնդորում չմնա ոչ ոք, որ կերգի այդ մասին հետագա սերունդերի համար։ — Եվ դա այնքան էլ հեռու չէ իրականությունից,— նկատեց Գիմլին։ — Քանզի Գենդալֆի ու Արագորնի դեմքերը շատ մռայլ էին։Շատ հետաքրքիր է, թե ինչի մասին են նրանք խորհրդակցում այնտեղ՝ վրաններում։ Ես էլ, Մերի պես, շատ եմ ցանկանում, որ մեր հաղթանակով պատերազմը վերջանա։ Բայց և այնպես, ինչ էլ որ որոշվի, ես հույս ունեմ մասնակցել դրանում հանուն Մենավոր Լեռան ժողովրդի և նրանց պատվի։ — Իսկ ես՝ հանուն Մեծ Անտառի էլֆերի,— ասաց Լեգոլասը։ — Եվ հանուն Սպիտակ Ծառի Տիրակալի հանդեպ տածած սիրո։ Բարեկամները լռեցին, բայց դեռ որոշ ժամանակ նստած մնացին վերևում, և ամենքն իր մտքերի հետ էր, մինչդեռ հրամանատարները խորհրդակցում էին։ Բաժանվելով Լեգոլասից ու Գիմլիից, իշխան Իմրահիլն անմիջապես ուղարկեց Էոմերի հետևից, և նրանք երկուսով իջան Քաղաքից ու մոտեցան Արագորնի վրանին, որ գտնվում էր ոչ հեռու այն տեղից, որտեղ ընկավ թագավոր Թեոդենը։ Եվ այնտեղ նրանք խորհրդակցություն սկսեցին Գենդալֆի, Արագորնի և Էլրոնդի որդիների հետ։ — Բարեկամներ,— ասաց Գենդալֆը,— լսեցեք, թե ինչ ասաց Գոնդորի փոխարքան մահից առաջ․ դուք կարող եք այսօր հաղթանակ տանել Պելլենորի դաշտերում, բայց այն ուժի դեմ, որը ելել է մեր դեմ՝ հաղթանակ չկա։ Ես ձեզ կոչ չեմ անում նրա պես ընկնել հուսահատության մեջ, բայց կոչ եմ անում խորհել նրա ասած խոսքերի ճշմարտացիության շուրջ։ Տեսնող Քարերը չեն ստում, նույնիսկ Բարադ-Դուրի տիրակալը չի կարող ստիպել դրանց ստել։ Նա, իհարկե, կարող է ընտրել, թե ինչ պետք է տեսնեն ավելի թույլ միտք ունեցողները կամ ստիպել նրանց սխալ հասկանալ իրենց տեսածի իմաստը։ Այնուամենայնիվ կասկած չի հարուցում, որ Դենեթորի տեսած հսկայական ուժերը, որ հավաքվել են իր դեմ Մորդորում և դեռ շարունակում են ավելանալ, իրականություն են։ Մեր ուժերը հազիվ բավականացրին առաջին խոշոր հարձակումը հետ մղելու համար։ Հաջորդն ավելի մեծ է լինելու։ Դենեթորը հասկացել էր, որ այս պատերազմն անհույս է։ Զենքի ուժով մենք հաղթանակ չենք տանի, անկախ նրանից՝ մնանք պատերի հետևում ու դիմակայենք պաշարում պաշարումի հետևից, թե անցնենք Գետն ու բաց կռվում ջախջախվենք։ Մենք պետք է ընտրենք երկու չարիքներից մեկը․ իհարկե ավելի խելամիտ է փակվել ամրոցներում, ամրացնել պաշտպանությունն ու սպասել հարձակման՝ այդ կերպ երկարաձգելով ընդհանուր ոչնչացումը։ — Ուրեմն դու խորհուրդ ես տալիս մեզ նահանջել Մինաս Թիրիթ կամ Դոլ Ամրոթ և կամ Դունհորու ու նստել այնտեղ, ինչպես երեխաներն ավազե ամրոցներում մակընթացության ժամանա՞կ,— հարցրեց Իմրահիլը։ — Դա նոր խորհուրդ չէր լինի,— պատասխանեց Գենդալֆը։ — Մի՞թե դուք այդ չեք արել Դենեթորի իշխանության օրերին։ Ոչ, ես ասացի, որ այդպես ավելի խելամիտ կլիներ։ Բայց ես ձեզ չեմ հորդորում խելամիտ վարվել։ Նաև ասացի, որ զենքի ուժով հաղթանակի հասնել հնարավոր չէ։ Ես հաղթանակի հույս ունեմ, բայց ոչ զենքով։ Քանզի այս ամեն ինչի հետևում Համիշխանության Մատանին է՝ Բարադ Դուրի հիմքը և Սաուրոնի հույսը։  Այս գործի մասին, բարեկամներ, բոլորդ էլ արդեն բավականաչափ տեղյակ եք՝ մեր և Սաուրոնի վիճակը հասկանալու համար։ Եթե նա վերադարձնի Մատանին՝ ձեր քաջագործություններն ապարդյուն կլինեն, և նրա հաղթանակը կլինի արագ ու ամբողջական՝ այնքան ամբողջական, որ ոչ ոք չի կարողանա գուշակել, թե որքան այն կտևի՝ երևի մինչև այս աշխարհի վերջը։ Եթե Մատանին ոչնչացվի՝ Սաուրոնը կջախջախվի և այնպես կջախջախվի, որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե նա երբևէ կվերադառնա։ Քանզի նա կկորցնի իր ուժի գլխավոր մասը, որ ուներ իր գոյության սկզբում, և այն ամենը, ինչ ստեղծվել է այդ ուժով, կոչնչանա։ Թշնամին հավիտյան պարտություն կկրի, կվերածվի չար ու թշվառ մի ոգու, որը կկրծի ինքն իրեն ստվերում՝ ուժ չունենալով նորից աճելու և ձև ընդունելու։ Եվ այդպես կանհետանա այս աշխարհի մեծագույն չարիքը։ Իհարկե այլ չար ուժեր էլ կան, որ կարող են գալ, քանզի Սաուրոնն ինքը ընդամենը սպասավոր է ու պատվիրակ։ Բայց մենք չենք կարող կառավարել այս աշխարհի բոլոր ալեկոծությունները, մենք պատասխանատու ենք միայն մեր ժամանակի համար և պետք անենք ամեն ինչ, որ արմատախիլ անենք չարին մեր դաշտերից, որպեսզի նրանք, ովքեր գալու են մեզանից հետո, մաքուր հողի մեջ իրենց սերմերը ցանեն։ Եվ թե ինչ եղանակ կլինի նրանց մոտ, դա արդեն մեր գործը չէ։ Սաուրոնը գիտե այդ ամենը։ Գիտե նաև, որ իր կորցրած թանկագին իրը գտնվել է, բայց չգիտե, թե որտեղ է այն՝ համենայն դեպս հույս ունենանք, որ չգիտե։ Եվ, հետևաբար, նա այժմ մեծ կասկածների մեջ է։ Որովհետև, եթե մենք գտել ենք այն՝ մեր մեջ կգտնվեն դրան տիրելու համար բավականաչափ ուժ ունեցող մարդիկ։ Նա այդ էլ գիտե։ Մի՞թե ես ճիշտ չեմ կռահում, Արագորն, որ դու նայել ես Օրթհանքի Քարի մեջ ու ներկայացել նրան։ — Ես արել եմ այդ դեռ Հորնբուրգից դուրս գալուց առաջ,— պատասխանեց Արագորնը։ — Որոշեցի, որ ժամանակը եկել է, և որ Քարն ինձ է հասել հենց այդ նպատակով։ Այդ ժամանակ արդեն անցել էր տասը օր, ինչ Մատանու Պահապանը Ռաուրոսից դեպի արևելք թեքվեց, և ես մտածեցի, որ Սաուրոնի աչքը պետք է շեղել իր տիրույթներից։ Իր Աշտարակ վերադառնալուց հետո չափազանց հազվադեպ են նրան մարտահրավեր նետել։ Թեպետ, եթե ես կանխատեսեի, որ նա այդքան արագ կպատասխանի, գուցե և չհամարձակվեի այդ քայլին գնալ։ Ժամանակը չբավականացրեց՝ հազիվ հասցրի ձեզ օգնության հասնել։  — Բայց այդ ինչպե՞ս,— հարցրեց Էոմերը։ — Դու ասացիր, որ եթե Մատանին նրա ձեռքն ընկնի՝ ամեն ինչ կորած է։ Իսկ ինչու՞ նա չի վախենում հարձակվել մեզ վրա՝ իմանալով որ այն մեզ մոտ է։ — Նա դեռ վստահ չէ դրանում,— պատասխանեց Գենդալֆը։ — Եվ չուզեցավ սպասել, որ իր թշնամիները բավականաչափ ուժեղանան, որ կարողանան դիմադրել՝ ինչպես արեցինք մենք։ Բացի դրանից, հաշված օրերի ընթացքում մենք չէինք կարող սովորել օգտագործել Մատանու ողջ ուժը։ Մատանին կարող է միայն մեկ տեր ունենալ և ոչ թե մի քանի՝ ուստի և նա կարծում է, որ մեր միջև վեճեր կառաջանան և մենք կպառակտվենք, նախքան մեզանից մեկը կտիրի դրան և կենթարկեցնի մյուսներին։ Եվ եթե այդ ժամանակ նա հանկարծակի հարձակվի՝ կարող է առավելություն ունենալ։ Նա հետևում է մեզ։ Նա շատ բան է տեսնում և շատ բան լսում։ Նրա Նազգուլները դեռևս սավառնում են երկնակամարում։ Լուսաբացից առաջ նրանք անցան այս դաշտի վրայով, թեև հոգնած քնած մարդկանցից քչերը դա նկատեցին։ Նա ուսումնասիրում է նշանները, որ հրամցվել են իրեն․ վերածնված Թուրը, որի օգնությամբ անցյալում իրենից խլել են իր գանձը, քամին, որ փոխվել ու փչում է մեր օգտին՝ ցրելով խավարը, առաջին հարձակումն ու անսպասելի պարտությունը և իր մեծ զորահրամանատարի անկումը։ Եվ մինչդեռ մենք այստեղ խոսում ենք, նրա կասկածները գնալով աճում են։ Նրա աչքն այժմ լարված այս կողմ է նայում և կույր է մնացած ամեն ինչի նկատմամբ։ Եվ մեր խնդիրն է այնպես անել, որ այն շարունակի անշեղորեն այստեղ նայել։ Դրանում է մեր ամբողջ հույսը, և իմ խորհուրդը։ Մատանին մեզ մոտ չէ․ իմաստաբար կամ հիմարաբար մենք այն ուղարկել ենք ոչնչացնելու, որպեսզի ինքը չկործանի մեզ։ Առանց դրա մենք չենք կարող նրա ուժի դեմ ուժ բանեցնելով հաղթել նրան։ Սակայն մենք պետք է ամեն գնով նրա Աչքը հեռու պահենք իրական վտանգից։ Զենքի ուժով մենք չենք կարող հաղթանակ տանել, բայց կարող ենք Մատանու Պահապանին տալ թեև փխրուն, բայց միակ հնարավորությունը։ Նշանակում է, պետք է շարունակել այն, ինչ սկսել է Արագորնը։ Մենք պետք է ստիպենք Սաուրունին կատարել իր վերջնական գրոհը։ Նա պետք է դուրս հանի իր ողջ թաքնված ուժերը և դատարկի Սև Երկիրը։ ՄԵնք պետք է անմիջապես գնանք նրան ընդառաջ, պետք է խայծ դառնանք նրա համար, և թող նրա ծնոտները փակվեն մեզ վրա։ Նա կուլ կտա այդ խայծը հույսով ու ագահությամբ՝ մտածելով որ մեր լկտի պահվածքը Մատանու նոր տիրոջ գոռոզության հետևանքն է։ Եվ կմտածի իր համար․ «Ախ այդպե՜ս։ Ժամանակից շուտ չէ՞ գլուխը դուրս հանել մեր նոր տիրակալը։ Թող մոտ գա, և ես նրան ծուղակի մեջ կգցեմ, որից նա այլևս դուրս չի գա։ Ես կոչնչացնեմ նրան, և այն, ինչը նա հանդգնորեն իրենն է հռչակել, կրկին իմը կդառնա՝ այս անգամ հավիտյան»։ Մենք պետք է այդ ծուղակի մեջ ընկնենք կանխամտածված և բաց աչքերով՝ գրեթե առանց ողջ մնալու հույսի։ Որովհետև, բարեկամներ, մեծ հավանականություն կա, որ մենք բոլորս կզոհվենք այդ սև ճակատամարտում՝ շնչող ու ապրող հողերից հեռու։ Եվ նույնիսկ եթե Բարադ-Դուրն ընկնի, մենք կարող ենք չապրել մինչև այդ պահն ու չտեսնել նոր դարաշրջանի առավոտը։ Բայց սա, ես կարծում եմ, մեր պարտքն է։ Եվ ավելի լավ չէ՞ գործել այսպես, քան նստել խորնարհ ու սպասել մահվան՝ առանց նոր դարաշրջանը տեսնելու հույսի․ չէ՞ որ մենք, միևնույնն է, մահից չենք խուսափելու, եթե ոչինչ չանենք։  Որոշ ժամանակ բոլորը լուռ էին։ Վերջապես Արագորնը խոսեց․ — Ես կշարունակեմ իմ սկսածը։ Մենք հասել ենք անդունդի եզրին, որտեղ հույսն ու հուսահատությունը համազոր են։ Տատանվել՝ նշանակում է ընկնել։ Թող այժմ ոչ ոք չմերժի Գենդալֆի խորհուրդը, ում երկարատև պայքարը Սաուրոնի դեմ վերջապես հասել է վերջին, որոշիչ փորձությանը։ Եթե նա չլիներ, վաղուց արդեն ամեն ինչ կորած կլիներ։ Այնուհանդերձ ես ինձ իրավունք չեմ վերապահում հրամայել մյուսներին։ Թող ամեն մեկն ընտրի իր կամքով։ Այնուհետև խոսեց Էլրոհիրը․ — Մենք հյուսիսից այստեղ ենք եկել հենց այդ նպատակով և մեր հորից՝ Էլրոնդից, այս նույն խորհուրդն ենք բերել։ Մենք չենք նահանջի։ — Ինչ մնում է ինձ,— ասաց Էոմերը,— ես քիչ եմ գլուխ հանում այդ խորը հարցերից, բայց դա կարևոր չէ։ Ես միայն գիտեմ, որ կարիքի ժամանակ իմ ընկեր Արագորնն օգնեց ինձ և իմ ժողովրդին, ուստի ես կաջակցեմ նրան, եթե նրան պետք է իմ օգնությունը։  — Իսկ ես,— ասաց Իմրահիլը,— ընդունում եմ Արագորնին որպես իմ տիրակալ, անկախ նրանից, թագադրվել է նա, թե դեռ ոչ։ Եվ նրա ցանկությունն ինձ համար օրենք է։ Ես նույնպես կգամ։ Սակայն ես ժամանակավոր կատարում եմ Գոնդորի փոխարքայի պարտականությունները և պետք է նախ մարդկանց մասին մտածեմ։ Հարկավոր է զգուշություն պահպանել և ամեն ինչի պատրաստ լինել։ Մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր դիպվածի, թե չար, թե բարի։ Եթե գեթ մեկ հավանականություն կա, որ մենք կհաղթենք, ապա Գոնդորը չպետք է մնա առանց պաշտպանության։ Ես չէի ուզենա, որ մենք հաղթանակած վերադառնայինք ու ավերակներ գտնեինք քաղաքի փոխարեն և թիկունքում՝ դատարկված հողեր։ Չէ՞ որ Ռոհիրիմներն ասում են, որ թշնամու թարմ զորք է մնացել հյուսիսում։  — Դա ճիշտ է,— ասաց Գենդալֆը։ — Քաղաքն անպաշտպան թողել պետք չէ։ Իրականում այն ուժը, որ պետք է արշավի արևելք, չպետք է բավական մեծ լինի Մորդորի վրա լուրջ հարձակման համար, բայց պետք է լինի այնքան, որ Թշնամին դրան լուրջ վերաբերվի։ Եվ այդ զորքը պետք է արագ շարժվի, ուստի ես հարցնում եմ հրամանատարներին․ ի՞նչ քանակի ուժ մենք կարող ենք հավաքել և ճանապարհ ընկնել ամենաուշը երկու օրվա ընթացքում։ Եվ նրանք պետք է ամուր մարդիկ լինեն, ովքեր սեփական կամքով են գնում՝ իմանալով վտանգի մասին։  — Բոլորը հոգնած են, և շատերն ունեն թեթև կամ ծանր վնասվածքներ,— ասաց Էոմերը։ — Եվ մենք շատ ձիեր ենք կորցրել, որը մեծ հարված է մեզ համար։ Եթե պետք է երկու օրից ճանապարհ ընկնենք, ապա երկու հազար հեծյալ հազիվ հավաքվի, առավել ևս, որ Քաղաքի պաշպանության համար նույնպես պետք է մարդիկ մնան։  — Մենք չպետք է հաշվի առնենք միայն նրանց, ովքեր կռվել են այս դաշտում,— ասաց Արագորնը։ — Հարավային նահանգներից օժանդակ ուժ է գալիս, քանի որ ափամերձ տարածքները մաքրվել են թշնամիներից։ Երկու օր առաջ ես Փելարգիրից չորս հազար մարդ եմ ուղարկել Լոսարնախով այստեղ, և Անգբոր անվախն է առաջնորդում նրանց։ Եթե մենք երկու օր հետո ճանապարհ ընկնենք, ապա նրանք հասած կամ հասնելուց կլինեն։ Բացի դրանից, ես շատերին կարգադրել եմ իմ հետևից Գետով գալ ցանկացած նավով, որ կարող են գտնել, և այս համընթաց քամու շնորհիվ շուտով նրանք այստեղ կլինեն։ Մի քանի նավ արդեն ժամանել են Հարլոնդ։ Ես կարծում եմ, որ մենք կարող ենք դեպի Մորդոր տանել յոթ հազար հեծյալ և հետևակ, ընդ որում Քաղաքում թողնել ավելի լավ պաշտպանություն, քան նախքան հարձակումն էր։  — Դարպասն ավերված է,— նկատեց Իմրահիլը։ — Որտեղի՞ց հիմա լավ վարպետներ գտնենք, որ դրանք վերականգնեն։ — Էրեբորում՝ Դաինի թագավորությունում, կան այդպիսի վարպետներ,— ասաց Արագորնը։ — Եթե մեր բոլոր հույսերն իրականանան, ժամանակի ընթացքում ես կխնդրեմ Գիմլիին՝ Գլոյնի որդուն, որ այստեղ բերի Սարամիջի թագավորության լավագույն վարպետներին։ Բայց մարդիկ ավելի հուսալի են, քան դարպասները, և ոչ մի դարպաս չի դիմանա մեր Թշնամուն, եթե մարդիկ լքեն այն։ Դրանով տիրակալների խորհրդակցությունն ավարտվեց․ որոշեցին ճանապարհ ընկնել երկու օր հետո առավոտյան յոթ հազարանոց զորքով, եթե այդքան հավաքվի, և այդ զորքի մեծ մասը պետք է գնար ոտքով․ մութ ու սարսափելի են Մորդորի առջև փռված հողերը, և ձիերի վրա հույս դնել չարժեր։ Արագրոնը պատրաստվում էր իր հետ վերցնել երկու հազար հարավցի, Իմրահիլը՝ երեք հազար հինգ հարյուր ռազմիկ, իսկ Էոմերը՝ հինգ հարյրուր ռոհիրիմներ, որոնք կորցրել էին իրենց ձիերին՝ բայց կռվել կարող էին, և հինգ հարյուր ընտրյալ ձիավորներ։ Ու ևս մեկ հինգ հարյուրանոց ջոկատ հավաքում էին Էլրոնդի որդիները, Դունադաններն ու Դոլ Ամրոթի ասպետները․ բոլորը միասին կազմում էին վեց հազար հետևակ և հազար ձիավոր։ Սակայն ռոհանցիների հիմնական ուժը՝ մարտի պատրաստ մոտ երեք հազար հեծյալ Էլֆհելմի հրամանատարության ներքո, պետք է պահպաներ արևմտյան ճանապարհը Անորիենում մնացած թշնամական զորքերից։ Եվ անմիջապես արագընթաց հեծյալներ ուղարկվեցին հյուսիս՝ նորություններ հավաքելու ու արևելք՝ հետախուզելու Օսգիլիաթից Մինաս Մորգուլ տանող ճանապարհը։  Եվ երբ նրանք վերջացրին իրենց ուժերի հաշվարկը, քննարկեցին գալիք արշավանքն ու քայլերը, որ պետք է ձեռնարկեին, Իմրահիլը հանկարծ բարձր ծիծաղեց։ — Անկասկած սա ամենամեծ կատակն է Գոնդորի ամբողջ պատմության մեջ,— բացականչեց նա։ — Գնալ Մորդոր յոթ հազարանոց զորքով, որքան միայն մեր առաջապահ ջոկատն էր Գոնսդորի հզորության օրերին, և գրոհել Սև երկրի լեռներն ու անանցանելի Դարպասը։ Դա նույնն է, թե փոքրիկ տղան ուռենու ճյուղից ու պարանե աղեղնալարից պատրաստված աղեղով հարձակվի զրահապատ ասպետի վրա։ Եթե Սև Տիրակալն այդքան շատ բան գիտե, ինչպես դու ես ասում, Միթրանդիր, մի՞թե նա չի ծիծաղի մեզ վրա ու չի ճխլի մեզ իր ճկութով՝ ինչպես կճխլեր իրեն խայթել պատրաստվող մոծակին։ — Ոչ, նա կփորձի բռնել այդ մոծակին և պոկել նրա խայթը,— ասաց Գենդալֆը։ — Եվ մեր մեջ կան անձիք, որոնցից յուրաքանչյուրն ավելին արժե, քան հազար զրահապատ ասպետը։ Ոչ, նա չի ծիծաղի։ — Եվ մենք՝ նույնպես,— ասաց Արագորնը։ — Եթե սա կատակ է, ապա այն չափազանց դառն է ծիծաղելու համար։ Ոչ սա վերջին և չափազանց վտանգավոր քայլն է, և այն վերջինը կլինի կողմերից մեկի համար ու կազդարարի խաղի վերջը։ Նա պատյանից հանեց ու Անդուրիլը բարձրացրեց դեպի արևն ու բացականչեց․ — Դու չե՛ս վերադառնա պատյան, քանի դեռ չի ավարտվել վերջին ճակատամարտը։ ====Գլուխ տասը․ Սև Դարպասը բացվում է==== Երկու օր անց Արևմուտքի ողջ բանակը հավաքվել էր Պելլենորյան դաշտավայրում։ Օրքերի ու արևելացիների զորքը, Անորիենում հակառակորդ չգտնելով, փորձել էր մոտենալ Քաղաքին, բայց հանդիպել էր Ռոհիրիմների դիմադրությանը, թեթև կռիվ տվել և ջախջախվելով փախել դեպի Քաիր Անդրոս, և այդ վտանգը նույնպես չեզոքացվել էր։ Հարավից նոր ուժեր էին գալիս, և Քաղաքը հնարավորինս վերազինվել ու ամրացվել էր։ Հետախույզները հայտնում էին, որ արևելք տանող ճանապարհներին, մինչև Ընկած Արքայի խաչմերուկը, ոչ մի թշնամի չի մնացել։ Վերջին գրոհի համար ամեն ինչ պատրաստ էր։  Լեգոլասն ու Գիմլին կրկին պետք է ընթանային Արագորնի և Գենդալֆի ընկերակցությամբ, ովքեր գլխավորում էին առաջապահ ջոկատը, որում ընդգրկված էին նաև Դունադաններն ու Էլրոնդի որդիները։ Մերին մնաց Քաղաքում, և նրան կրծում էր ամոթը։ Որքան էլ խնդրեց, իրեն չվերցրին։  — Այս ճամփորդությունը քո ուժերից վեր է, ասաց Արագորնը,— բայց դու մի ամաչիր։ Եթե նույնիսկ այլևս ոչինչ չանես այս պատերազմում, դու արդեն մեծ սխրանք ես գործել։ Այժմ Հոբիթստանը կներկայացնի Փերեգրինը։ Եվ պետք չէ նախանձել նրան, քանի որ՝ թեև նա իրեն շատ լավ է դրսևորել՝ որքան որ թույլ է տվել հաջողությունը, բայց քեզ հավասարվելուն դեռ շատ ունի։ Եվ իրականում հիմա բոլորս էլ հավասարապես վտանգված ենք։ Թեև, կարող է պատահել, որ Մորդորի Դարպասի մոտ մեզ սպասում է դառը վերջաբան, բայց եթե բանը դրան հասնի, դուք ևս վաղ թե ուժ կհասնեք ձեր վերջնագծին, կա՛մ այստեղ, կա՛մ այնտեղ, որտեղ ձեզ կհասնի ու կծածկի սև ալիքը։ Հաջողությու՛ն։ Եվ Մերին, տխուր կանգնել ու նայում էր, թե ինչպես են շարվում զորքերը։ Նրա հետ էր նաև Բերգիլը, և նա նույնպես վհատված էր, որովհետև նրա հայրը գլխավորում էր հասարակ կամավորների ջոկատը՝ նա չէր կարող վերադառնալ պահակախումբ, քանի դեռ նրա գործը չէր քննվել։ Հենց այդ ջոկատի մեջ, որպես Գոնդորի զինվոր, ներառել էին Փիփինին։ Մերին տեսնում էր նրա փոքրիկ, բայց սլացիկ կերպարանքը Մինաս Թիրիթի բարձրահասակ ռազմիկների միջև։ Վերջապես հնչեցին փողերը, և զորքը շարժվեց։ Ջոկատը ջոկատի հետևից, շարքը շարքի հետևից շրջվում էին նրանք ու գնում արևելք։ Եվ նույնիսկ բավական ժամանակ անց, երբ նրանք անհետացան տեսադաշտից հողապատնեշ տանող ճանապարհին, Մերին դեռ կանգնած նայում էր։ Առավոտյան արևի ցոլքը վերջին անգամ փայլատակեց նիզակների ծայրերին ու սաղավարտների վրա և անհետացավ, բայց նա դեռ կանգնած էր խոնարհված գլխով ու ծանր սրտով՝ իրեն մենակ ու լքված զգալով։ Բոլորը, ում նա սիրում էր, հեռացան դեպի խավար, որը ծանրացել էր հեռավոր արևելքի երկնքում, և նրա սրտում գրեթե հույս չէր մնացել, որ էլ երբևէ կտեսնի նրանցից որևէ մեկին։  Ասես հուսահատ մտքերին ի պատասխան՝ ձեռքի ցավը վերադարձավ, և նա իրեն ծեր ու թույլ զգաց, և արևն էլ ասես դալուկ ու թույլ լիներ։ Նրան սթափեցրեց Բերգիլի ձեռքի հպումը։  — Գնանք, պարոն փերիան,— ասաց տղան։ — Տեսնում եմ, ձեռքդ դեռ ցավում է։ Հիմա կօգնեմ քեզ վերադառնալ Բժշկման Տներ։ Մի վախեցիր, նրանք կվերադառնան։ Մինաս Թիրիթի մարդկանց ոչ ոք չի կարող հաղթել, և այժմ նրանց հետ է տիրակալ Էլֆական Քարը, ու նաև Բերեգոնդը՝ Աշտարակի պահակախմբից։  Կեսօրին զորաբանակը մոտեցավ Օսգիլիաթին։ Այնտեղ արդեն աշխատում էին Մինաս Թիրիթի պաշտպանության մեջ չընգրկված բոլոր վարպետներն ու արհեստավորները․ ամրացնում էին լաստերն ու լողացող նավակամուրջները, որոնք թշնամին էր պատրաստել ու մասամբ ոչնչացրել փախուստի ժամանակ, վերականգնում էին պահեստներն ու պաշարներով լցնում, և շտապ ամրություններ էին ստեղծում Գետի արևելյան ափին։  Առաջապահ ջոկատը հետևում թողեց հինավուրց գահաքաղաքի ավերակները, կտրեց անցավ Գետն ու դուրս եկավ երկար, ուղիղ ճանապարհի վրա, որը ծաղկուն օրերին միմյանց էր կապում հրաշագեղ Արևի Աշտարակն ու բարձր Լուսնային ամրոցը, որն այժմ կոչվում էր Մինաս Մորգուլ ու վերածվել էր անիծված աշտարակի՝ անիծված հովտում։ Օսգիլիաթից հինգ մղոն հեռանալով նրանք կանգ առան։ Առաջին ցերեկային անցումն ավարտվեց։  Հեծյալները, սակայն, շարունակեցին ճանապարհը և երեկոյան հասան ծառերի լայն օղակով շրջապատված Խաչմերուկին։ Ամենուր լռություն էր։ Թշնամական ոչ մի շունչ չկար․ ո՛չ ձայն էր լսվում, ո՛չ ճիչ, և ոչ մի նետ չսուլեց քարակույտերի կամ ճամփեզրի թավուտների հետևից։ Այնուամենայնիվ, որքան շատ էին առաջ գնում, այնքան ավելի էր զգացվում, որ տարածքի զգոնությունն ուժեղանում է․ ծառերն ու ժայռերը, խոտերն ու ցողունները ուշադիր ունկնդրում էին։ Խավարը ցրվել էր, և հեռու արևմուտքում այրվում էր մայրամուտը, և լեռների գագաթները կարմրին էին տալիս կապույտ օդում, բայց Էֆել Դուաթի գլխին դեռևս կախված էր մռայլ խավարի ստվերը։  Արագորնը ծառերի օղակի մեջ մխրճվող չորս ճանապարհներից յուրաքանչյուրի վրա մեկական շեփորահար նշանակեց, և նրանք շեփորահարեցին, և ավետողները բարձր ճչացին․ «Գոնդորի տիրակալները վերադարձել և հե՛տ են վերցնում այս ամբողջ տարածքը, որ օրենքով պատկանում է իրենց»։ Քարակերտ արձանի վրա դրված օրքի գարշելի գլուխը ցած նետվեց ու մանր բեկորների բաժանվեց, իսկ հին թագավորի գլուխը, դեռևս պսակված ճերմակ ու ոսկե ծաղիկներով, բարձրացվեց և վերադարձվեց իր տեղը։ Ստոր և զզվելի գրվածքները, որոնցով օրքերը ծածկել էին պատվանդանը, խնամքով մաքրվեցին ու լվացվեցին։  Հրամանատարների խորհրդակցության ժամանակ ոմանք առաջարկում էին սկզբում հարձակվել Մինաս Մորգուլի վրա, և եթե հաջողվի այն գրավել՝ մեկընդմիշտ ոչնչացնել։  — Շատ հնարավոր է,— ասաց Իմրահիլը,— որ այնտեղից դեպի վերին լեռնացք տանող ճանապարհն ավելի հարմար է Սև Տիրակալի վրա հարձակվելու համար, քան նրա հյուսիսային Դարպասը։ Բայց Գենդալֆը վճռականորեն դեմ էր դրան՝ չարի պատճառով, որ բնակվում էր այդ հովտում, որտեղ ապրող մարդկանց միտքը կարող էր մատնվել սարսափի ու խելագարության, ինչպես նաև լուրերի պաճառով, որ բերել էր Ֆարամիրը։ Քանզի եթե Մատանու Պահապանը փորձում է այդ ճանապարհը, ապա ամենից առաջ նրանք չպետք է այնտեղ ուղղեին Մորդորի Աչքը։ Ուստի հաջորդ որը, երբ գլխավոր զորքը ժամանեց, նրանք ուժեղ հսկողություն սահմանեցին Խաչմերուկում՝ այն պաշտպանելու համար, եթե հանկարծ թշնամական զորք իջնի Մորգուլի լեռնանցքից կամ հարձակվեն հարավցիները։ Այդ պահակախմբում ընդգրկվեցին ընտրյալ նետաձիգներ, որոնք շատ լավ գիտեին Իթիլիենը․ նրանք թաքնվեցին Խաչմերուկը շրջապատող լանջերի թավուտներում՝ մշտապես նշանառության տակ պահելով այն։ Սակայն Գենդալֆն ու Արագորնը առաջապահ ջոկատի հետ շարժվեցին դեպի Մորգուլի հովտի մուտքը՝ չարի ամրոցը տեսնելու համար։  Այն մութ էր ու անկենդան, քանզի այնտեղ բնակվող օրքերն ու ավելի մանր արարածները ոչնչացվել էին մարտերում, իսկ Նազգուլները դեռ չէին վերադարձել։ Բայց և այնպես հովտի օդը հագեցած էր վախով ու ատելությամբ։ Նրանք քանդեցին չարագուշակ կամուրջը, կրակի տվեցին նեխաբույր մարգագետիններն ու հեռացան։  Հաջորդ օրը՝ Մինաս Թիրիթից դուրս գալուց հետո երրորդ օրը, զորաբանակը շարժվեց ճանապարհով դեպի հյուսիս։ Խաչմերուկից մինչև Մորանոն մոտավորապես հարյուր մղոն ճանապարհ էր, և թե ինչ էր նրանց սպասում այնտեղ, ոչ ոք չգիտեր։ Նրանք գնում էին անթաքույց, բայց զգուշություն պահպանելով՝ հեծյալ հետախույզներ էին գնում առջևով և ոտքով ընթացողներ՝ երկու կողմերով․ հատկապես ուշադրություն էր դարձվում ճանապարհի արևելյան կողմին, որտեղ մթին թավուտներ էին, և հողը պատված էր բազմաթիվ ճեղքերով, փլվածքներով ու ժայռերով, որոնց հետևում բարձրանում էին Էֆել Դուաթի երկար, մռայլ լանջերը։ Պարզ եղանակ էր, և քամին արևմտյան էր, բայց ոչինչ չէր կարող ցրել Մթամած Լեռները պարուրած խավարն ու թախծոտ մշուշը։ Գագաթների հետևից մերթ ընդ մերթ ծխի մեծ քուլաներ էին բարձրանում և քշվում երկնային քամիներով։ Ժամանակ առ ժամանակ Գենդալֆը հրամայում էր շեփորներ փչել, և ավետողները բացականչում էին․ «Գալի՛ս են Գոնդորի տիրակալները։ Թո՛ղ բոլորը հեռանան այս հողերից և հանձնեն դրանք օրինական տերերին»։ Բայց Իմրահիլն ասաց․ — Պետք չէ ասել՝ գալիս են «Գոնդորի տիրակալները», ասացեք՝ «Էլեսար արքան»։ Քանզի դա այդպես է, թեև նա դեռ չի նստել իր գահին, և դա Թշնամուն մտածելու ավելի շատ առիթ կտա։  Եվ դրանից հետո օրը երեք անգամ ավետողներն ազդարարում էին Էլեսար արքայի գալուստը։ Բայց ոչ ոք չէր պատասխանում մարտահրավերին։ Այնուհանդերձ, չնայած թվացյալ խաղաղությանը, բոլորի սրտերը՝ հրամանատարից մինչև հասարակ ռազմիկ, ծանրացած էին, և դեպի հյուսիս յուրաքանչյուր մղոնից հետո չարի կանխազգացումն ավելի էր ուժեղանում։ Խաչմերուկը լքելուց հետո երկրորդ օրվա երեկոյան նրանք առաջին անգամ դիմադրության հանդիպեցին։ Օրքերն ու արևելացիները փորձ կատարեցին զորքի առաջապահ ջոկատները դարանի մեջ առնել, և դա այն նույն վայրում էր, որտեղ Ֆարամիրը դարանակալել էր Հարադցիներին։ Ճանապարհը գնում էր արևելյան լանջերից մեկը հատող խորը կտրվածքի միջով։ Բայց Արևմուտքի հրամանատարները զգուշացված էին իրենց հետախույզների կողմից, որոնք հմուտ մարդիկ էին Հեննեթ Աննունից՝ Մաբլունգի գլխավորությամբ, այնպես որ դարանակալածներն իրենք ընկան ծուղակի մեջ։ Հեծյալները լայն աղեղով ծավալվեցին արևմուտք և մոտեցան թշնամիներին կողքից ու հետևից, և նրանք ոչնչացվեցին կամ քշվեցին դեպի արևելյան լանջերը։ Բայց հաղթանակը քիչ ուրախություն պատճառեց հրամանատարներին։ — Սա ընդամենը խորամանկ հնարք էր,— ասաց Արագորնը։ — Թշնամին միտք չուներ մեզ ծանր կորուստներ պատճառել, նրա գլխավոր նպատակը կեղծ թուլություն ցույց տալն էր։  Եվ հենց այդ երեկոյից երկնքում հայտնվեցին Նազգուլներն ու սկսեցին հետևել զորքի տեղաշարժին։ Նրանք առաջվա պես բարձր էին թռչում ու թաքնված էին բոլորի աչքերից, սակայն Լեգոլասի աչքից չվրիպեցին։ Բայց և այնպես նրանց ներկայությունը զգում էին բոլորը․ թվում էր, ստվերներն ավելի են խտացել և արևը թեթև մշուշվել է։ Ու թեև Մատանեկիր Ուրվականները չէին իջնում ու ճիչեր արձակելով իրենց չէին մատնում, բայց նրանց հանդեպ վախն արդեն կրծում էր բոլորի սրտերը և այն վանել հնարավոր չէր։ Այդպես անցնում էր ժամանակը, և անհույս արշավը շարունակվում էր։ Ուղիների Խաչմերուկից հետո չորորդ օրը և Մինաս Թիրիթից հետո վեցերորդ օրը նրանք վերջապես հասան կենդանի հողերի եզրագծին և մուտք գործեցին ամայի տարածք, որը փռված էր Քիրիթ Գորգորի կիրճի մուտքի դիմաց։ Շուրջը տարածվում էին ճահճուտներն ու ամայի հողերը, որոնք ձգվում էին դեպի հյուսիս ու արևմուտք՝ հասնելով մինչև Էմին Մուիլ։ Այնպես անկենդան էին այդ տարածքները և այնպիսի սարսափ էին ներշնչում, որ քաջությունը լքեց ռազմիկներից ոմանց, և նրանք տեղում քարացել ու չէին կարողանում շարժվել։  Արագորնը նայեց նրանց, բայց նրա աչքերում ավելի շատ խղճահարություն կար, քան բարկություն, որովհետև նրանք երիտասարդ ռազմիկներ էին Ռոհանից, հեռավոր Վեսթֆոլդից, և կամ Լոսարնախցի հողագործներ, և նրանց համար Մորդորը դեռ մանկությունից չարի անուն էր, բայց, այնուամենայնիվ, նրանց հասարակ կյանքին ոչ մի կերպ չառնչվող անիրական առասպել։ Եվ այժմ նրանք գնում էին, ասես սարսափելի երազում և չէին հասկանում ոչ այդ պատերազմի իմաստը, ոչ էլ այն, թե ինչու ճակատագիրը բերեց իրենց այդտեղ։  — Գնացեք,— ասաց Արագորնը։ — Բայց պատվով նահանջեք, փախուստի մի դիմեք։ Եվ որպեսզի ձեր անուններն ամոթով չծածկեք, ես ձեզ համար հանձնարարություն ունեմ։ Գնացեք հարավ-արևմուտք, մինչև կհասնեք Քաիր Անդրոս, և եթե այն դեռ թշնամու ձեռքին է, ինչպես ես եմ կարծում, վերադարձրեք, եթե կարող եք, և պահեք ամեն գնով՝ հանուն Գոնդորի և Ռոհանի։ Այս խոսքերից ու նրա ողորմածությունից ամաչելով, ոմանք հաղթահարեցին իրենց վախը և շարունակեցին ճանապարհը, իսկ մյուսները հոգով արիացան՝ հասկանալով, որ կարող են իրենց հնարավորության սահմաններում հանձնարարություն կատարել ու ամոթով չմնալ, և հեռացան։ Խաչմերուկում նույնպես շատ ռազմիկներ էին մնացել, և այժմ, նրանց գնալուց հետո, Արևմուտքի հրամանատարները պետք է մարտահրավեր նետեին Մորդորին վեց հազարանոց զորքով։ Զորքը դանդաղ էր շարժվում՝ ամեն րոպե մարտահրավերի պատասխանի սպասելով։ Գնում էին սեղմված շարքերով, բոլորը միասին, քանզի հետախույզներ կամ մանր խմբեր առաջ ուղարկելը նշանակում էր մարդկանց անիմաստ կորուստ։ Մորգուլի հովտից հետո հինգերորդ օրվա գիշերը նրանք խփեցին իրենց վերջին ճամբարը և խարույկներ վառեցին ամայի տարածքում դժվարությամբ հավաքված չոր փայտից ու ցախերից։ Գիշերային ժամերն անցկացրին արթուն՝ նայելով խավարի մեջ։ Մոտակայքում գիշատիչ ինչ-որ արարածներ էին թափառում, որոնք թեև անտեսանելի էին, բայց նրանց ներկայությունը զգում էին բոլորը։ Եվ գայլերի ոռնոց էր հասնում նրանց ականջներին։ Քամին դադարել էր, օդը կարծես քարացել էր։ Գրեթե ոչինչ տեսնել հնարավոր չէր, որովհետև, թեև անամպ էր, բայց չորս գիշեր էր, ինչ նորալուսինը սկսել էր իր աճը, և Մորդորի հողից ծուխ ու գոլորշի էր բարձրանում՝ մշուշելով առանց այդ էլ դալուկ ու փոքրիկ լուսինը։ Ցրտեց։ Լույսը բացվելու հետ քամին նորից սկսեց աղմկել, բայց հիմա հյուսիսից էր փչում ու գնալով ուժեղանում էր։ Գիշերային թափառողները հեռացել էին, և տարածքն ամայի էր թվում։ Առջևում, հյուսիսային կողմում, գարշահոտ փոսերի միջև երևացին այրված հողի, մոխրի, կեղտոտ թափոնների ու հրկիզված ժայռերի առաջին կույտերը՝ ասես վիթխարի որդերի փսխունք, որ արտանետում էր Մորդորը։ Իսկ հարավում, արդեն բավական մոտ, ուրվագծվում էր Քիրիթ Գորգորի հսկայական պարիսպը, Սև Դարպասը և բարձր, մռայլ աշտարակ ժանիքները երկու կողմերում։ Երթի վերջում հրամանատարները որոշեցին դուրս գալ հին ճանապարհից և թեքվել արևելք, որպեսզի խուսափեն բլուրներում թաքնված վտանգից, և այժմ Մորանոնին էին մոտենում հյուսիս-արևմուտքից՝ ինչպես Ֆրոդոն էր վարվել։ Խոժոռ կամարի տակ գտնվող Սև Դարպասի երկու վիթխարի երկաթյա դռներն ամուր փակված էին։ Ատամնավոր պարսպի վրա ոչ ոք չէր երևում։ Ծանր, բայց զգոն լռություն էր։ Զորքը մոտեցել էր իր խելագարության վերջնագծին և կանգնած էր այնտեղ, վաղորդյան ցրտում, վաղ առավոտվա մոխրագույն լույսի տակ, պարսպի ու աշտարակների դիմաց, որոնք ի վիճակի չէր խորտակել, եթե նույնիսկ զինված լիներ հզոր պաշարման աշտարակներով, իսկ Թշնամու ուժը հազիվ այնքան լիներ, որ կարողանար պաշտպանել պարիսպն ու Դարպասը։ Բայց բոլորն էլ հասկանում էին, որ Մորանոնը շրջապատող ողջ բլուրներն ու ժայռերը լցված են թաքնված թշնամիներով, իսկ հետևում բացվող մութ կիրճում փորված թունելներում վխտում են պիղծ ու չար արարածների անհաշիվ բազմություններ։ Եվ Նազգուլները նույնպես իրար հետևից իջան ու գիշատիչ ճիվաղների պես պտտվում էին աշտարակ ժանիքների գլխին։ Պարզ էր, որ իրենց են հետևում, բայց Թշնամին դեռևս ոչինչ չէր ձեռնարկում։ Այլընտրանք չկար, հարկավոր էր խաղալ դերը մինչև վերջ։ Ուստի Արագորնը զորքը մարտական վիճակի բերեց, որքան որ տարածքը թույլ էր տալիս, և իր մարդկանց տեղակայեց փլուզված քարերից ու այրված հողից բաղկացած երկու մեծ բլուրների վրա, որ օրքերն էին կուտակել տարիների աշխատանքի ընթացքում։ Նրանց առջև, Մորդորի Դարպասի դիմաց, ինչպես խրամուղի, գարշահոտ կեղտով ու ճղփացող ջրափոսերով լցված մի հսկայական ճեղք էր ձգվում։ Հրամանները տրված էին, ամեն ինչ պատրաստ էր։ Եվ ահա հրամանատարները հեծյալների մեծ խմբով, զինադրոշով, ազդարարներով ու շեփորահարներով շարժվեցին դեպի Սև Դարպասը։ Գլխավոր խոսնակը Գենդալֆն էր․ նրա հետևից գնում էին Արագորնն ու Էլրոնդի որդիները, Էոմեր Ռոհանցին և իշխան Իմրահիլը, ինչպես նաև Լեգոլասը, Գիմլին և Փիփինը՝ որպես իրենց ժողովուրդների ներկայացուցիչներ։  Մորանոնից ձայնի հեռավորության վրա նրանք կանգ առան, բարձրացրին զինադրոշն ու փչեցին շեփորները, այնուհետև ազդարարներն առաջ եկան և ձայնեցին Մորդորի պարսպից այն կողմ գտնվողներին․ — Դո՛ւրս եկեք։ Թո՛ղ Սև Երկրի տիրակալը դուրս գա բանակցությունների։ Նրա նկատմամբ արդարության դատ պետք է իրականացվի։ Նա անարդարցիորեն հարձակվել է Գոնդորի վրա և գրավել նրա հողերը։ Ուստի Գոնդորի արքան պահանջում է, որ նա քավություն տա իր կատարած չարիքներին և հեռանա այստեղից հավիտյան։ Դու՛րս եկեք։ Տիրեց երկարատև լռություն։ Պարիսպներից ու Դարպասի մոտից ոչ մի ճիչ չլսվեց ի պատասխան, ոչ մի ձայն։ Բայց Սաուրոնն արդեն ծրագրել էր ամեն ինչ․ նա որոշել էր սկզբում դաժան խաղ խաղալ այդ մկների հետ և հետո նոր խորտակիչ հարված հասցնել։ Հրամանատարներն արդեն շրջվել և պատրաստվում էին հեռանալ Դարպասից, բայց հանկարծ, ինչպես ամպրոպ սարերում, լռությունը խախտեց հսկայական թմբուկների երկարատև թնդյունը, հետո հնչեց եղջերափողերի ձայն՝ ցնցելով ժայռերն ու խլացնելով մարդկանց։ Շաչյունով բացվեցին Սև Դարպասի դռները, կենտրոնում փոքրիկ ճեղք առաջացավ, և այնտեղից դուրս եկան Սև Ամրոցի դեսպանները։ Առջևից գալիս էր բարձրահասակ, չարադեմ մի հեծյալ, սև ձիու վրա, եթե իհարկե դա ձի էր, որովհետև հսկայական էր, սարսափազու, դիմակով, որն ավելի շատ կմախք էր հիշեցնում, քան գլուխ, իսկ ռունգերից ու ակնախոռոչներից կրակ էր ժայթքում։ Հեծյալն ամբողջովին սև էր հագած, սև էր նաև նրա սաղավարտը, բայց նա Մատանու Ուրվական չէր, այլ կենդանի մարդ։ Բարադ-Դուր ամրոցի այդ սուրհանդակի անունը չի հիշվում ոչ մի ավանդությունում, և հավանաբար նա նույնպես մոռացել էր իր անունը, քանզի ներկայացաավ որպես Սաուրոնի Ձայն։ Բայց, ասում են, որ նա դավաճան ուրացող էր և սերում էր այսպես կոչված Սև նումենորցիների ցեղից, որոնք բնակություն էին հաստատել Միջերկրում Սաուրոնի գերիշխանության տարիներին և երկրպագում էին նրան՝ հմայված նրա սև մոգությամբ։ Եվ նա ծառայության էր անցել Սև Ամրոցում, երբ այն կրկին բնակեցվեց, և, լինելով իմաստուն ու խորամանկ, անընդատ բարձրանում էր իր պաշտոնում, մինչև արժանացավ նրա հատուկ վերաբերմունքին։ Նա մոգություն սովորեց և դրանում իրեն հավասարը չուներ, և նրան շատ բաներ էին հայտնի Սաուրոնի մտքերից։ Եվ իր դաժանությամբ նա գերազանցում էր ցանկացած օրքի։ Հենց նա էր, որ դուրս եկավ Մորդորի Դարպասից՝ շրջապատված ամբողջովին սև սպառազինված փոքրիկ ջոկատով, վրան կարմիր աչք պատկերված սև զինադրոշի ներքո։ Կանգ առնելով Արևմուտքի հրամանատարներից մի քանի քայլ այն կողմ, նա ոտքից գլուխ զննեց նրանց ու ծիծաղեց։ — Ձեր այս հրոսակախմբի մեջ կա՞ մեկը, ով իրավասու է բանակցել ինձ հետ,— հարցրեց նա։ — Կամ գոնե մեկը, ով ի վիճակի է հասկանալ ինձ։ Միայն ոչ դու,— ծաղրանքով նետեց նա՝ արհամարանքով նայելով Արագորնին։ — Էլֆական ապակին գցել ես վիզդ ու ինչ-որ ամբոխ հավաքել եկել, կարծում ես արքա՞ ես։ Լեռնային ցանկացած ավազակապետ նույնքան հպատակներ ունի։ Արագորնը ոչինչ չպատասխանեց, բայց ուշադիր նայեց սև սուրհանդակի ուղիղ աչքերի մեջ և երկար ժամանակ հայացքը չէր դարձնում։ Որոշ ժամանակ նրանց միջև լուռ պայքար էր ընթանում, և շուտով, թեև Արագորնը անշարժ կանգնած էր ու չէր դիպչում իր թրի բռնակին, վերջինս ցնցվեց ու նահանջեց, ասես խույս տալով հարվածից։  — Ես սուրհանդակ եմ և դեսպա՛ն, իմ անձն անձեռնամխելի՛ է,— ճչաց նա։ — Այնտեղ, որտեղ հարգում են այդ օրենքը,— ասաց Գենդալֆը,— ընդունված չէ, որ դեսպաններն իրենց այդպես լկտի պահեն։ Սակայն ոչ ոք քեզ չի սպառնում։ Կարող ես չվախենալ մեզանից, քանի դեռ գործդ չես ավարտել։ Ամեն դեպքում, եթե տերդ չլսի իմաստության ձայնն ու դարձի չգա, ապա նրա բոլոր սպասավորների կյանքը շուտով լուջ վտանգի տակ կլինի, և քոնն էլ բացառություն չի լինի։  — Ահա թե ինչ,— ասաց սուրհանդակը,— ուրեմն դու՞ ես խոսնակը, ծեր ճերմակամորուս։ Մենք քո մասին հաճախ ենք լսում․ թափառում ես աշխարհով մեկ, դավադրություններ հյուսում, բայց մշտապես պահում ես քեզ անվտանգ հեռավորության վրա։ Սակայն այս անգամ քիթդ շատ հեռու ես խոթել, տեր իմ Գենդալֆ։ Ոչինչ, շուտով կտեսնես, թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր համարձակվում են իրենց հիմար ցանցը հյուսել Սաուրոն Մեծի ոտքերի առջև։ Ինձ մոտ որոշ իրեր կան, որոնք հրամայված է ցույց տալ ձեզ, և հատկապես քեզ, եթե կհանդգնես մոտենալ նրա Դարպասին։  Նա նշան արեց իր ուղեկիցներից մեկին, և նա առաջ եկավ՝ ձեռքին կրելով սև գործվածքով փաթաթված մի կապոց։ Սուրհանդակը քանդեց կապոցը, և զարմացած ու սարսափած մարդկանց աչքերի առջև բարձրացրեց սկզբում կարճ թուրը, որ Սեմն էր կրում, հետո էլֆական ամրակալով մոխրագույն թիկնոցը, և վերջապես Ֆրոդոյի միթրիլե օղազրահը և պատառոտված շորերը։ Բոլորի աչքերի առջև մթություն տիրեց։ Մի ակնթարթ լռություն իջավ, և թվաց, թե աշխարհը կանգ առավ։ Սրտերը դադարեցին բաբախել, վերջին հույսը մեռավ։ Իշխան Իմրահիլի հետևում կանգնած Փիփինը ողբալի ճիչով առաջ նետվեց։ — Հանգի՛ստ,— խստորեն հրամայեց Գենդալֆը՝ հետ մղելով նրան։ Մորդորի սուրհանդակը բարձրաձայն ծիծաղեց։  — Ուրեմն, ձեզ հետ էլի մեկին եք բերել այդ առնետներից,— բացականչեց նա։ — Թե ի՞նչ օգուտ եք դուք գտնում դրանց մեջ, ինձ համար հանելուկ է, բայց որպես լրտես նրանց Մորդոր ուղարկելը՝ դա արդեն նույնիսկ ձեր սովորական հիմարությունից վեր է։ Ամեն դեպքում ես շնորհակալ եմ նրան, այդ գաճաճին, քանի որ պարզ դարձավ, որ նա առաջին անգամ չի տեսնում այս իրերը, և դուք այլևս չեք կարող հերքել այդ։ — Ես չեմ էլ պատրաստվում հերքել,— ասաց Գենդալֆը։ — Ես գիտեմ, թե որտեղից են դրանք և ինչ ճանապարհ են անցել։ Իսկ դու, Սաուրոնի ստոր լեզու, չնայած անբարտավան պահվածքիդ, ոչինչ չգիտես այդ մասին։ Ինչու՞ ես սրանք այստեղ բերել։ — Թզուկի օղազրահ, էլֆական թիկնոց, թուր՝ ընկած Արևմուտքի գերեզմանոցից և լրտես՝ Հոբիթստան անունով առնետաբնից․․․ Էլ մի սկսիր, մենք ամեն ինչ շատ լավ գիտենք՝ և ահա դավադրության հետքերը։ Ուրեմն, այսպես․ հնարավոր է, այս իրերը կրողը ձեզ համար արժեք չուներ և դուք անտարբեր եք նրա ճակատագրի նկատմամբ, բայց հնարավոր է և, որ նա շատ թանկ էր ձեզ համար։ Եթե այո, ապա ի մի բերեք ձեր գլխում մնացած գիտակցության վերջին մնացորդները։ Սաուրոնը լրտեսներ չի սիրում, և այժմ ձեր ընտրությունից է կախված նրա ճակատագիրը։ Ոչ ոք չպատասխանեց, բայց սուրհանդակի աչքերից չվրիպեց նրանց դեմքերի գունատվելը և սարսափը նրանց աչքերում։ Եվ նա կրկին ծիծաղեց՝ տեսնելով որ իր խաղը հասնում է իր նպատակին։ — Լավ, լավ,— ասաց նա։ — Տեսնում եմ, նա ձեզ համար թանկ էր։ Կամ գուցե հանձնարարությունը որով ուղարկել էինք նրան, ավելի՞ կարևոր էր ձեզ համար։ Այո, նա այն ձախողել է, և այժմ դատապարտված է երկար տարիների դանդաղ տանջանքների՝ Մեծ Աշտարակն այդ գործում իրեն հավասարը չունի, կարող եք չկասկածել։ Նա այլևս լույսի երես չի տեսնի։ Կամ գուցե մենք կարձակենք նրան, երբ նա կփոխվի, և նրա կամքը վերջնականապես կկոտրվի։ Այդ ժամանակ նա կվերադառնա ձեզ մոտ, և դուք կտեսնեք ձեր արածի արդյունքը։ Այդպես էլ կլինի, եթե չընդունեք Տիրակալի պահանջները։ — Ասացեք ձեր պահանջները, որո՞նք են դրանք,— գոչեց Գենդալֆը։ — Նրա ձայնը վստահ հնչեց, բայց կողքին կանգնածները տեսան նրա դեմքին գծագրված ցավը, և հանկարծ նա բոլորին թվաց ծերացած, խորշոմած, վերջնականապես ճնշված ու պարտված։ Ոչ ոք այլևս չէր կասկածում, որ նա կընդունի պահանջները։ — Պահանջներն այսպիսին են,— չարախինդ ժպտալով ասաց սուրհանդակը՝ հերթով նայելով բոլորին։ — Գոնդորի հրոսակները և նրանց մոլորված դաշնակիցները պետք է անմիջապես նահանջեն Անդուինից այն կողմ՝ երդում տալով այլևս երբեք զինված չհարձակվել Սաուրոն մեծի վրա ո՛չ գաղտնի, ո՛չ բացեիբաց։ Անդուինից արևելք գտնվող բոլոր հողերը այսուհետ հավիտյան կպատկանեն Սաուրոնին։ Անդուինից արևմուտք մինչև Մշուշապատ Լեռներ և Ռոհանի Լեռնանցք ընկած բոլոր հողերը պետք է հարկատու դառնան Մորդորին, և այնտեղ ապրող մարդիկ չպետք է զենք կրեն, բայց իրավունք կունենան վարելու իրենց գործերը՝ ինչպես կուզեն։ Սակայն նրանք կօգնեն վերականգնել Իզենգարդը, որը բարբարոսաբար ավերել են, և այն կպատկանի Սաուրոնին, և այնտեղ կնստի նրա կառավարը, բայց ոչ Սարումանը, այլ վստահության արժանի մեկ ուրիշը։  Սուրհանդակի աչքերին նայելով, բոլորը հասկացան, որ հենց ինքն է այդ մեկ ուրիշը․ նա մտադրություն ուներ դառնալ Իզենգարդի կառավարը և իր իշխանության տակ առնել այն ամենը, ինչ կմնար Արևմուտքից։ Նա կդառնար բռնակալ, իսկ նրանք՝ իր ստրուկները։  Սակայն Գենդալֆն ասաց․ — Արդյոք շա՞տ բան չէ պահանջում քո տերը մեկ ծառայի ազատման դիմաց՝ ստանալ այն ամենը, ինչը հակառակ դեպքում ստիպված կլինի նվաճել բազում մարտերի գնով։ Իսկ գուցե Գոնդորի դաշտերում ջախջախվել է նաև պատերազմում հաղթելու նրա հավա՞տը։ գուցե ա՞յդ է պատճառը, որ նա սկսել է սակարկել։ Բայց ենթադրենք, որ մենք համաձայն ենք նման գին վճարել մեկ գերու դիմաց՝ ի՞նչ հավաստիացումներ կտա մեզ Սաուրոնը, խաբեբաների և դավաճանների գերագույն տիրակալը, որ կկատարի համաձայնության իր մասը։ Որտե՞ղ է այդ գերին։ Թող բերեն նրան և հանձնեն մեզ, և այդ ժամանակ մենք կքննարկենք այս պահանջները։ Գենդալֆը սևեռուն նայեց սուրհանդակին, ինչպես հակառակորդին մահացու թրամարտում, և նրա աչքից չվրիպեց, որ վերջինս մի պահ կորցրեց իրեն։ Բայց հետո արագորեն իրեն տիրապետեց ու կրկին ծիծաղեց։ — Բավական է շաղակրատես,— չարացած գոչեց նա։ — Քեզ հետ խոսում է Սաաուրոնի Ձայնը։ Հավաստիացումնե՞ր։ Սաուրոնը ոչ ոքի հավաստիացումներ չի տալիս։ Եթե հայցում եք նրա ողորմածությունը, ապա նախ պետք է կատարեք իր պահանջները։ Պահանջներին արդեն տեղյակ եք։ Ընդունեք դրանք կամ մերժե՛ք։ — Սրանք՝ մենք կընդունենք,— հանկարծ ասաց գենդալֆը։ Նա թիկնոցը մի կողմ նետեց, և ճերմակ լույսը թրի շեղբի պես բոցավառվեց այդ սև վայրում։ Գարշելի սուրհանդակն ակամա ընկրկեց նրա բարձրացված ձեռքից, բայց Գենդալֆն առաջ գնաց ու նրա ձեռքից խլեց իրերը՝ օղազրահը, թիկնոցը և թուրը։ — Սրանք մենք կվերցնենք ի հիշատակ մեր ընկերոջ,— գոչեց նա։ — Ինչ վերաբերում է պահանջներին, մենք դրանք կտրականապես մերժում ենք։ Կարող ես հեռանալ, քո բանակցությունն ավարտված է, և մահ է քեզ սպառնում։ Մենք այստեղ չենք եկել բառեր վատնելու և բանակցելու երմնազանց ու անիծված Սաուրոնի հետ․ առավել ևս՝ նրա ստրուկներից մեկի հետ։ Չքվի՛ր։ Մորդորի սուրհանդակն այլևս չէր ծիծաղում։ Նրա դեմքը զայրույթից ու զարմանքից աղավաղվեց, և նա նմանվեց վայրի գազանի, որը, ատամները խրելով որսի մեջ, հանկարծ մռութին հարված է ստանում պողպատե ձողով։ Նրա բերանը կատաղությունից սեղմվեց, և կոկորդից զայրույթի անհասկանալի ձայներ դուրս թռան։ Բայց նայեց հրամանատարների չարացած դեմքերին, մահացու շողացող աչքերին, և վախը հաղթահարեց բարկությանը։ Նա բարձր ճչաց, շրջվեց, թռավ իր ձիու մեջքին և իր ուղեկիցներով շրջապատված խելագարի պես սլացավ հետ՝ Քիրիթ Գորգոր։ Եվ ընթացքի ժամանակ նրա ուղեկիցները եղջերափողեր փչեցին, որը պայմանավորված ազդանշան էր, և մինչ դեսպանները կմոտենային Դարպասին, Սաուրոնը գործի դրեց ծուղակը։ Թնդացին թմբուկները, և կրակների լեզուները վեր խոյացան։ Սև Դարպասի հսկայական դռները լայնորեն բացվեցին։ Այնտեղից մեծաթիվ զորք դուրս հորդեց այնպիսի արագությամբ, ինչպես հորդում է քլթքլթացող ջուրը, երբ բարձրացվում է պատնեշը։Արևմուտքի հրամանատարները ցատկեցին ձիերին և Մորդորի զորքի ծաղրական ճիչերի ներքո վերադարձան զորքի մոտ։ Օդում փոշու ամպ գոյացնելով՝ առաջ շարժվեցին արևելացիների հրոսակները, որոնք ազդանշանի էին սպասում Էրեդ Լիթուիի ստվերում, հեռավոր աշտարակի այն կողմում։ Մորանոնի երկու կողմերի բլուրների լանջերից ներքև հորդեցին անհամար օրքերի հորդաներ։ Արևմուտքի զորքը հայտնվեց ծուղակում։ Եվ շուտով գորշ բլուրների շուրջը, որտեղ նրանք կանգնած էին, անհամար թշնամական զորք էր ծփում ծովի պես, որը քանակով տասնապատիկ անգամ գերազանցում էր Գոնդորի զորքին։ Սաուրոնն իր պողպատե ծնոտներով հափշտակեց առաջարկվող խայծը։ Արագոնին քիչ ժամանակ էր մնացել ճակատամարտի պատրաստություն տեսնելու համար։ Նա Գենդալֆի հետ կանգնեց բլուրներից մեկի վրա, և նրա հետևում հուսահատ ծածանվեց Ծառի և Աստղերի պատկերով հրաշագեղ զինադրոշը։ Մյուս բլուրի վրա, ոչ հեռու, ծածանվում էին Ռոհանի և Դոլ Ամրոթի զինադրոշները՝ Ճերմակ ձին և արծաթե կարապը։ Իսկ բլուրների շուրջը օղակվեցին Արևմուտքի ռազմիկները՝ դեմքով ուղղված աշխարհի բոլոր կողմեր, նիզակների և թրերի մացառուտներ ստեղծելով։ Մորդորի Դարպասի առջև, որտեղից սպասվում էր առաջին կատաղի հարձակումը, ձախ կողմում կանգնել էին Էլրոնդի որդիները, և նրանց շուրջը՝ Դունադանները, իսկ աջ կողմում՝ իշխան Իմրահիլն ու Դոլ Ամրոթի ասպետները՝ բարձրահասակ, գեղեցիկ, և Մինաս Թիրիթի Աշտարակի պահապան ռազմիկներից լավագույնները։  Փչեց քամին, երգեցին շեփորները, սուլեցին նետերը։ Բայց արևը, որ բարձրանալով, շողում էր հարավում, պարուրվեց Մորդորի գարշահոտ ծխով՝ դժգունելով մշուշում, դարձավ հեռավոր ու բոսորագույն՝ կարծես թեքվել էր դեպի մայրամուտ և ազդարարում էր օրվա վերջը կամ, հնարավոր է, աշխարհի վերջը։ Եվ այդ երկնային մշուշից մահացու ճիչեր արձակելով հայտնվեցին Նազգուլները, և եղած հույսը մարեց սրտերում։ Փիփինը սարսափից կուչ էր եկել, երբ լսեց, որ Գենդալֆը մերժում է պահանջները և Ֆրոդոյին դատապարտում տանջանքների անիծված աշտարակում, բայց հիմա տիրապետեց իրեն և կանգնեց Բերեգոնդի կողքին, Գոնդորի առաջին շարքերում, Իմրահիլի և նրա ասպետների մոտ։ Նա որոշեց, որ ավելի լավ է արագ մեռնել ու փակել իր դառը կյանքի վերջին էջը․ միևնույնն է, ամեն ինչ ավերված է։ — Էհ, գոնե Մերին էստեղ լիներ,— լսեց նա իր սեփական ձայնը։ Նրա գլխով սրընթաց մտքեր էին անցնում, իսկ աչքերը հետևում էին մոտեցող թշնամիներին։ «Դե ինչ, գոնե հիմա ես հասկանում եմ խեղճ Դենեթորին։ Եթե մեռնելու ենք, կարող էինք գոնե միասին մեռնել՝ ես ու Մերին, իսկ ինչու՞ ոչ։ Լավ, ինչ արած, քանի որ նա էստեղ չէ, հուսով եմ, գոնե, ավելի թեթև վախճան կունենա։ Բայց հիմա ես պետք է ամեն ինչ անեմ, որ կյանքս թանկ վաճառեմ։» Նա հանեց իր թուրը և նայեց շեղբի վրա միահյուսվող կարմիր ու ոսկեգույն գծերին։ Նումենորյան գեղեցիկ ռուները հրե շողեր էին արձակում։ «Սա երևի հենց էսպիսի ժամի համար էլ կռել են,— մտածեց նա։ — Ա՛յ թե կարողանայի սրանով ծակել էդ նողկալի սուրհանակին, էդ ժամանակ, երևի, համարյա կհավասարվեի ծերուկ Մերիին։ Ոչինչ, հիմա ոնց որ պետք է կծակծկեմ էս գազանային վիժվածքներից մի քանիսին, մինչև ամեն ինչ կվերջանա։ Կուզենայի մեկ անգամ էլ արևի զով լույս ու կանաչ խոտ տեսնել․․․» Հենց այդ պահին թշնամիների առաջին ալիքը փլվեց նրանց վրա։ Օրքերը, խրվելով բլուրների դիմաց տարածված ճահճուտում, կանգ առան ու նետերի տարափ տեղացին պաշտպանվողների վրա։ Հետո նրանց միջով գազանային մռնչյունով առաջ շարժվեցին Գորգորոթի լեռնային թրոլները։ Նրանք մարդկանցից ավելի բարձր էին և լայնաթիկունք, հագուստի փոխարեն պատված թեփուկավոր թաղանթով, որը և՛ նրանց մաշկն էր, և՛ զրահը, կրում էին հսկայական սև վահաններ ու ծանր մուրճեր՝ հանգուցավոր ձեռքերում։ Նրանք առանց տատանվելու մտան ճահճուտն ու մռնչալով առաջ շարժվեցին։ Եվ անցնելով այն, փոթորկի պես մխրճվեցին գոնդորցիների շարքերի մեջ՝ աջ ու ձախ հարվածներ հասցնելով, ջարդելով սաղավարտներ, վահաններ գլուխներ և ուսեր, ինչպես դարբիները, որոնք հարվածում են շիկացած երկաթին։ Փիփինի կողքին կանգնած Բերեգոնդն օրորվեց ու ընկավ, և նրան հարվածող թրոլ առաջնորդը կռացավ նրա վրա՝ առաջ մեկնելով ճիրանավոր թաթը․ քանզի այդ կատաղի արարածները սովորություն ունեին կրծել իրենց պարտված ախոյանի կոկորդը։  Փիփինն ամբողջ ուժով հարվածեց թրոլին ներքևից վերև։ Արևմուտքի ռուներով պատված շեղբը ծակեց թեփուկավոր թաղանթն ու մինչև կոթը խրվեց հրեշի որովայնը։ Սև արյունը դուրս հորդեց։ Թրոլն օրորվեց ու փլվեց ժայռի պես՝ թաղելով իր տակը գտնվողներին։ Փիփինին պարուրեց գարշահոտ խավարը և ջախջախիչ ցավը, և նրա գիտակցությունը կլանեց անհատակ խավարը։ «Ուրեմն, ամեն ինչ վերջացավ իմ մտածածի պես»,— գիտակցությունը կորցնելուց առաջ փայլատակեց նրա գլխում, և նա հասցրեց նույնիսկ այդ մտքի վրա ծիծաղել, որովհետև այն տարօրինակ կերպով ուրախ էր․ վերջ, ուրեմն, կասկածներին, վախերին ու տանջանքներին։ Եվ մոռացումի խավարի շեմին նա ձայներ լսեց, որոնք ասես գալիս էին ինչ-որ մոռացված ու հեռավոր աշխարհից․ — Արծիվնե՜րը, արծիվներն են գալիս․․․ Փիփինը մի ակնթարթ հապաղեց խավարի եզրին։ «Բի՛լբոն,— մտածեց նա։ — Բայց ոչ, դա եղել է շատ վաղուց և նրա հեքիաթում։ Իսկ սա իմ հեքիաթն է, և այն ավարտված է։ Հաջողություն։» Եվ խավարը կլանեց նրան։ ===ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ=======Գլուխ առաջին․ Քիրիթ Ունգոլի աշտարակը==== Սեմը դժվարությամբ վեր կացավ գետնից։ Մի ակնթարթ նա չհասկացավ, թե որտեղ է, բայց հետո հիշեց, և ողջ վիշտն ու հուսահատությունը վերադարձան։ 
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
Վստահելի
1342
edits