«Ապուշը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(IV)
(Չորրորդ մաս)
 
(23 intermediate revisions by 3 users not shown)
Տող 609. Տող 609.
 
=== V ===
 
=== V ===
  
 +
Գեներալի կինը խանդոտ էր իր ծագման նկատմամբ։ Ուրեմն ինչպես պիտի զգար իրեն, երբ ուղղակի ու առանց նախապատրաստության լսեց, որ տոհմի մեջ վերջին այդ իշխան Միշկինը, որի մասին նա արդեն ինչ֊որ բան լսել էր, ավելին չէ, քան մի խղճուկ ապուշ և համարյա թե աղքատ և աղքատության ողորմություն է ընդունում։ Գեներալը հենց տպավորություն գործելու նպատակն էր հետապնդում, որպեսզի միանգամից հետաքրքրի, որևէ կերպ ամեն ինչ այլ կողմ շեղի։
 +
 +
Արտակարգ դեպքերում գեներալի կինը սովորաբար սաստիկ չռում էր աչքերը և, մարմինը մի քիչ ետ գցելով, անորոշ նայում էր իր առաջ, առանց մի բառ արտասանելու։ Դա իր ամուսնու տարիքի, բարձրահասակ կին էր, թուխ, շատ ալեխառն, բայց դեռևս խիտ մազերով, փոքր-ինչ սապատավոր քթով, չորչորուկ, դեղին, փոս ընկած այտերով ու բարակ, ներս պրծած շրթունքներով։ Նրա ճակատը բարձր էր, բայց նեղ, մոխրագույն, բավական խոշոր աչքերը երբեմն բոլորովին անսպասելի արտահայտություն էին ունենում։ Մի ժամանակ նա թուլություն էր ունեցել հավատալու, թե իր հայացքը չտեսնված էֆեկտավոր է. այդ համոզմունքը նրա մեջ մնաց անջնջելի։
 +
 +
— Ընդունե՞լ։ Դուք ասում եք նրան ընդունեմ, հիմա՞, այս ժամի՞ն,— և գեներալի կինը ամբողջ ուժով աչքերը չռեց իրար անցած Իվան Ֆյոդորովիչի վրա։
 +
 +
— Օ՜, տվյալ դեպքում կարելի է առանց որևէ ձևականության, եթե միայն, բարեկամս, ուզում ես նրան տեսնել,— աճապարեց նրան բացատրել գեներալը։— Կատարյալ մանուկ է և նույնիսկ այնպես խղճուկ, ինչ֊որ հիվանդագին նոպաներ ունի. նա հիմա Շվեյցարիայից է գալիս, հենց նոր է վագոնից իջել, հագնված է տարօրինակ, կարծես գերմանացու պես, և ի լրումն, տառացիորեն ոչ մի կոպեկ չունի․ քիչ է մնում լաց լինի։ Ես նրան քսանհինգ ռուբլի նվիրեցի և ուզում եմ մեզ մոտ գրասենյակում գրագրի որևէ տեղ ճարել։ Իսկ ձեզ, mesdames, խնդրում եմ նրան հյուրասիրել, որովհետև, կարծես թե, նաև քաղցած է...
 +
 +
— Դուք ինձ զարմացնում եք,— առաջվա պես շարունակեց տիկինը,— քաղցած է և նոպաներ ունի։ Ի՞նչ նոպաներ։
 +
 +
— Օ, դրանք այնքան էլ հաճախ չեն կրկնվում, ընդսմին նա համարյա երեխայի պես է, բայց կրթված է։ Ես կուզենայի, mesdames,— նորից դիմեց նա աղջիկներին,— ձեզ խնդրել, որ քննեիք նրան, համենայն դեպս լավ կլիներ իմանալ, թե ինչի է նա ընդունակ։
 +
 +
— Քըն-ն-նե՞լ,— ծոր տվեց գեներալի կինը և խորին զարմանքով նորից սկսեց փոխնեփոխ աչքերը չռել մերթ աղջիկների, մերթ ամուսնու վրա։
 +
 +
— Ախ, բարեկամս, այդպիսի իմաստ մի տուր... ասենք, ինչպես կուզես, ես մտածում էի փայփայել նրան և մտցնել մեր տունը, որովհետև դա համարյա թե բարի գործ է։
 +
 +
— Մտցնել մեր տո՞ւնը։ Շվեյցարիայի՞ց։
 +
 +
— Շվեյցարիան այստեղ չի խանգարի. և սակայն, կրկնում եմ, ինչպես կուզես։ Դե ես նրա համար եմ ասում, որ, նախ, ազգանվանակից է և, կարող է պատահել, նույնիսկ ազգական, իսկ երկրորդ, չգիտի, թե գլուխն ուր դնի։ Ես նույնիսկ մտածեցի, որ քեզ համար որոշ չափով հետաքրքիր կլինի, որովհետև ինչքան չլինի մեր ազգանունն ունի։
 +
 +
— Իհարկե, maman եթե նրա հետ կարելի է առանց ձևականությունների, մանավանդ որ նա ճանապարհից եկած է և ուտել է ուզում, ինչո՞ւ չկերակրենք, եթե չգիտի, թե ուր գնա,— ասաց ավագը՝ Ալեքսանդրան։
 +
 +
— Եվ, ի հավելումն, կատարյալ մանուկ է, նրա հետ կարելի է պահմտոցի խաղալ։
 +
 +
— Պահմտոցի՞ խազալ։ Այդ ինչպե՞ս։
 +
 +
— Ախ, maman, վերջ տվեք, խնդրեմ, դերասանությանը,— սրդողած ընդհատեց Ագլայան։
 +
 +
Միջնեկը՝ ծիծաղկոտ Ադելաիդան, չդիմացավ ու փռթկաց։
 +
 +
— Կանչեցեք նրան, papa, maman-ն թույլ է տալիս,— վճռեց Ագլայան։ Գեներալը զանգ տվեց և պատվիրեց կանչել իշխանին։
 +
 +
— Բայց պայմանով, որ նրա վզին անպայման անձեռոցիկ կապեն, երբ սեղան նստի,— վճռեց գեներալի կինը,— կանչել Ֆյոդորին կամ թող Մավրան․․․ որպեսզի կանգնի նրա հետև ու հետևի նրան ուտելու ժամանակ։ Գոնե հանգի՞ստ է նա նոպաների ժամանակ։ Շարժումներ չի՞ անում արդյոք։
 +
 +
— Ընդհակառակը, նույնիսկ շատ լավ դաստիարակված է և հիանալի շարժուձևով։ Մի քիչ չափից ավելի պարզունակ է երբեմն... բայց ահա և նա ինքը։ Ահա, ներկայացնում եմ, իր ցեղի վերջին Միշկինը, ազգանվանակից և, կարող է պատահել, նույնիսկ ազգական, ընդունեցեք, գուրգուրեցեք։ Հիմա կգնան նախաճաշելու, իշխան, ուրեմն շնորհ արեք... իսկ ես, ներեցեք, ուշացա, շտապում եմ...
 +
 +
— Հայտնի է, թե ուր եք շտապում,— ծանրակշիռ ասաց գեներալի կինը։
 +
 +
— Շտապում եմ, շտապում, բարեկամս, ուշացա։ Եվ տվեք նրան ձեր ալբոմները, mesdames, թող նա այնտեղ ձեզ համար գրի, ինչպիսի՜ գեղագիր է, հազվագյուտ։ Տաղա՜նդ է․ այնպե՜ս գրեց այնտեղ ինձ մոտ հինավուրց ձեռագրով. «Վանահայր Պաֆնուտին իր ստորագրությունը դրեց․․․»։ Դե, ցտեսություն։
 +
 +
— Պաֆնո՞ւտին։ Վանահա՞յր։ Սպասեցեք, ախր սպասեցեք, ո՞ւր եք գնում և այդ ի՞նչ Պաֆնուտի է,— համառ զայրույթով և գրեթե տագնապալի բղավեց տիկինը փախչող ամուսնուն։
 +
 +
— Այո, այո, բարեկամս, հնում մի այդպիսի վանահայր կար... իսկ ես կոմսի մոտ եմ գնում, սպասում է, վաղուց, և, գլխավորը, ինքն է նշանակել... իշխան, ցտեսություն։
 +
 +
Գեներալն արագ քայլերով հեռացավ։
 +
 +
— Գիտեմ, թե ինչ կոմսի մոտ է գնում,— կոշտ ասաց Ելիզավետա Պրոկոֆևնան և գրգռված աչքերը դարձրեց իշխանին։— Էն ինչ էր,— սկսեց նա զզվանքով ու զայրացած մտաբերելով,— դե, ինչպե՞ս էր։ Ախ, հա. այդ ի՞նչ վանահայր էր։
 +
 +
— Maman,— սկսեց Ալեքսանդրան, իսկ Ագլայան նույնիսկ տոտիկը գետնին խփեց։
 +
 +
— Մի խանգարեք ինձ, Ալեքսանդրա Իվանովնա,— պարզ ու կտրուկ ասաց նրան գեներալի կինը,— ես էլ եմ ուզում գիտենալ։ Նստեցեք ահա այստեղ, իշխան, ահա այս դիմացի բազկաթոռին, ոչ, այստեղ, արևին, լույսին մոտիկ քաշեցեք, որպեսզի ես կարողանամ տեսնել։ Դե, այդ ի՞նչ վանահայր է։
 +
 +
— Պաֆնուտի վանահայրը,— պատասխանեց իշխանն ուշադիր և լուրջ։
 +
 +
— Պաֆնո՞ւտին։ Հետաքրքիր է․ դե, ի՞նչ մարդ է նա։
 +
 +
Գեներալի կինը հարցնում էր անհամբեր, արագ, կտրուկ, առանց աչքերը հեռացնելու իշխանից, իսկ երբ իշխանը պատասխանում էր, Լիզավետա Պրոկոֆևնան նրա ամեն մի խոսքի հետ գլուխը տմբացնում էր։
 +
 +
— Վանահայր Պաֆնուտին տասնչորսերորդ դարի մարդ է,— սկսեց իշխանը,— նա կառավարում էր Վոլգայի ափին, մեր այժմյան Կոստրոմայի նահանգում գտնվող մենաստանը։ Հայտնի էր իր սուրբ կյանքով, եղել է Հորդայում, օգնում էր կարգավորելու այն ժամանակվա գործերը և ստորագրել է մի գրության տակ, իսկ այդ ստորագրության նկարահանումը ես տեսել եմ։ Ինձ ձեռագիրը դուր եկավ, և ես դա սերտեցի։ Երբ քիչ առաջ գեներալն ուզեց տեսնել, թե ինչպես եմ գրում, որպեսզի ինձ տեղավորի աշխատանքի, ես մի քանի նախադասություն գրեցի տարբեր տառատեսակներով և ի միջի այլոց՝ «Վանահայր Պաֆնուտին իր ստորագրությունը դրեց»՝ վանահայր Պաֆնուտիի սեփական ձեռագրով։ Գեներալին շատ դուր եկավ, ահա հիմա դա հիշեց։
 +
 +
— Ագլայա,— ասաց տիկինը,— միտքդ պահիր. Պաֆնուտի, կամ ավելի լավ է՝ գրիր, թե չէ ես միշտ մոռանում եմ։ Ի դեպ, ես կարծում էի, թե ավելի հետաքրքիր բան կլինի։ Իսկ ո՞ւր է այդ ստորագրությունը։
 +
 +
— Կարծեմ, մնաց գեներալի կաբինետում, սեղանի վրա։
 +
 +
— Իսկույն մարդ ուղարկել և բերել։
 +
 +
— Ավելի լավ է, նորից գրեմ, եթե ուզում եք։
 +
 +
— Իհարկե, maman,— ասաց Ալեքսանդրան,— իսկ հիմա ավելի լավ է, նախաճաշեինք, մենք ուտել ենք ուզում։
 +
 +
— Այդ էլ ճիշտ է,— վճռեց գեներալի կինը,— գնանք, իշխան. դուք շա՞տ եք ուզում ուտել։
 +
 +
— Այո, հիմա սաստիկ ուզեցի և շատ շնորհակալ եմ ձեզնից։
 +
 +
— Այդ շատ լավ է, որ դուք քաղաքավարի եք, և ես նկատում եմ, որ դուք իսկի էլ այնպես... տարօրինակ չեք, ինչպես բարեհաճեցին ներկայացնել ձեզ։ Գնանք։ Նստեցեք ահա այստեղ , իմ դիմաց,— ձեռ ու ոտ էր անում նա, նստեցնելով իշխանին, երբ եկան սեղանատուն,— ես ուզում եմ ձեզ նայել։ Ալեքսանդրա, Ադելաիդա, հյուրասիրեցեք իշխանին։ Ճիշտ չէ՞, որ նա իսկի էլ այնքան... հիվանդ չէ։ Գուցե անձեռոցիկ էլ հարկավոր չէ... Ձեզ, իշխան, անձեռոցիկ կապո՞ւմ էին ուտելու ժամանակ։
 +
 +
— Առաջ, երբ ես մոտ յոթ տարեկան էի, կարծեմ, կապում էին, իսկ հիմա, ուտելիս սովորաբար ծնկներիս եմ գցում անձեռոցիկը։
 +
 +
— Այդպես էլ պետք է։ Իսկ նոպանե՞րը։
 +
 +
— Նոպանե՞րը,— մի քիչ զարմացավ իշխանը,— նոպաները հիմա բավական հազվադեպ են լինում։ Ասենք, չգիտեմ. ասում են, այստեղի կլիման ինձ վնասակար կլինի։
 +
 +
― Նա լավ է խոսում,— նկատեց տիկինը, դիմելով աղջիկներին և շարունակելով գլուխը տմբացնել իշխանի ամեն մի խոսքից հետո,— ես նույնիսկ չէի սպասում։ Նշանակում է, ամեն ինչ դատարկ բաներ են և ճիշտ չէ. ըստ սովորականի։ Կերեք, իշխան, և պատմեցեք. որտե՞ղ եք ծնվել, որտեղ դաստիարակվել։ Ես ուզում եմ ամեն ինչ իմանալ, դուք ինձ չափազանց հետաքրքրում եք։
 +
 +
Իշխանը շնորհակալություն հայտնեց և, մեծ ախորժակով ուտելով, սկսեց նորից հաղորդել այն ամենը, ինչի մասին անընդհատ ստիպված էր եղել խոսել այս առավոտ։ Գեներալի կինը գնալով ավելի ու ավելի գոհ էր դառնում։ Աղջիկները նույնպես բավական ուշադիր լսում էին։ Հաշիվներ արին ազգականների մասին, պարզվեց, որ իշխանը բավական լավ գիտեր իր տոհմագրությունը, բայց ինչ ձևով էլ մոտեցնում էին, իշխանի և տիկնոջ միջև գրեթե ոչ մի ազգակցություն չստացվեց։ Պապերի ու տատերի միջև դեռ մի կերպ կարելի էր հեռավոր ազգակցություն գտնել։ Այդ չոր նյութը հատկապես դուր եկավ գեներալի կնոջը, որին, ինչքան էլ ուզեր, գրեթե երբեք չէր հաջողվում խոսել իր տոհմագրության մասին, այնպես որ նա սեղանից վեր կացավ խռովահույզ հոգով։
 +
 +
— Բոլորս գնանք մեր հավաքատեղին,— ասաց նա,— և սուրճն էլ այնտեղ կբերեն, Մենք մի այդպիսի ընդհանուր սենյակ ունենք,— դարձավ նա իշխանին, տանելով նրան,— պարզապես իմ փոքրիկ հյուրասենյակն է, որտեղ մենք, երբ մենակ ենք մնում, հավաքվում ենք, և ամեն մեկը զբաղվում է իր գործով։ Ալեքսանդրան, ահա սա, իմ ավագ աղջիկը, դաշնամուր է նվագում կամ կարդում է, կամ կարում. Ադելաիդան բնանկարներ ու դիմանկարներ է նկարում (և ոչ մի բան ավարտել չի կարողանում), իսկ Ագլայան նստում է, ոչինչ չի անում։ Իմ ձեռքից էլ գործը ցած է ընկնում. ոչինչ չի ստացվում։ Ահա և եկանք, նստեցինք, իշխան, այստեղ, բուխարիկին մոտիկ, և պատմեցեք։ Ես ուզում եմ իմանալ, թե դուք ինչպես եք պատմում որևէ բան։ Ես ուզում եմ լիովին համոզվել, և երբ իշխանուհի Բելոկոնսկայայի, պառավի հետ տեսնվեմ, ձեր մասին ամեն ինչ կպատմեմ։ Ես ուզում եմ, որ դուք նրանց բոլորին էլ հետաքրքրեք։ Դե, ուրեմն խոսեցեք։
 +
 +
— Maman, բայց չէ՞ որ շատ տարօրինակ է այսպես պատմելը,— նկատեց Ադելաիդան, որը մինչ այդ ուղղեց հր նկարչատախտակը, վերցրեց վրձինները, ներկապնակը և սկսեց էստամպից պատճենահանել արդեն վաղուց սկսած բնանկարը։ Ալեքսանդրան և Ագլայան միասին նստեցին փոքրիկ բազմոցին և, ձեռքները ծալած, պատրաստվեցին ունկնդրել խոսակցությանը։ Իշխանը նկատեց, որ ամեն կողմից ուշադրությամբ նայում են նրան։
 +
 +
— Ես ոչինչ չէի պատմի, եթե ինձ այդպես հրամայեին,— նկատեց Ագլայան։
 +
 +
— Ինչո՞ւ։ Այստեղ տարօրինակ ի՞նչ կա։ Ինչո՞ւ չպատմի։ Լեզու ունի։ Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես գիտի խոսել։ Դե, որևէ բանի մասին։ Պատմեցեք, թե ձեզ ինչպես դուր եկավ Շվեյցարիան, առաջին տպավորությունը։ Այ կտեսնեք, այ հիմա նա կսկսի և հիանալի կսկսի։
 +
 +
— Տպավորությունս ուժեղ էր...— սկսեց իշխանը։
 +
 +
— Տեսեք, տեսեք,― վրա բերեց անհամբեր Լիզավետա Պրոկոֆևնան, դիմելով աղջիկներին,― տեսա՞ք, որ սկսեց։
 +
 +
— Գոնե թողեք, որ խոսի, maman,— նրա խոսքը կտրեց Ալեքսանդրան։— Այս իշխանը գուցե խարդախի մեկն է և ոչ թե ապուշ,— շշնջաց նա Ագլայային։
 +
 +
— Հավանաբար, այդպես է, ես վաղուց եմ տեսնում դա,— պատասխանեց Ագլայան։— Եվ նրա կողմից ստորություն է դերասանություն անելը։ Դրանով նա ուզում է շահե՞լ, ինչ է։
 +
 +
— Առաջին տպավորությունս շատ ուժեղ էր,— կրկնեց իշխանը։— Երբ ինձ տանում էին Ռուսաստանից գերմանական զանազան քաղաքների միջով, ես միայն լուռ նայում էի և, հիշում եմ, նույնիսկ ոչ մի բանի մասին հարցուփորձ չէի անում։ Դա իմ հիվանդության մի շարք ուժեղ և տանջալից նոպաներից հետո էր, իսկ ես միշտ, եթե հիվանդությունս ուժեղանում էր և նոպաները իրար հետևից մի քանի անգամ կրկնվում էին, լիակատար բթացման մեջ էի ընկնում, բոլորովին ուշքս կորցնում էի, իսկ միտքս թեև աշխատում էր, բայց մտքիս տրամաբանական ընթացքը կարծես թե խզվում էր։ Երկու կամ երեք մտքից ավելի չէի կարողանում հետևողականորեն շաղկապել։ Ինձ այդպես է թվում։ Իսկ երբ նոպաներս հանդարտվում էին, ես նորից դառնում էի և առողջ, և ուժեղ, ահա ինչպես հիմա։ Հիշում եմ, անտանելի թախիծ կար մեջս, նույնիսկ ուզում էի լաց լինել, ես շարունակ զարմանում և անհանգստանում էի. ինձ վրա սարսափելի ազդել էր, որ այդ ամենը ''օտար է''. դա ես հասկացա։ Օտարն ինձ սպանում էր։ Հիշում եմ, այդ խավարից բոլորովին արթնացա մի երեկո, Բազելում, Շվեյցարիա մտնելու պահին, և ինձ արթնացրեց իշու զռոցը քաղաքային շուկայում, էշը ինձ սարսափելի զարմացրեց և չգիտես ինչու անասելի դուր եկավ, և դրա հետ մեկտեղ կարծես թե գլխումս ամեն ինչ պարզվեց։
 +
 +
— Է՞շը։ Դա տարօրինակ է,— նկատեց գեներալի կինը։— Ասենք, ոչ մի տարօրինակ բան չկա, մեզնից ոմանք դեռ նույնիսկ կսիրահարվեն իշուն,— նկատեց նա, զայրագին նայելով ծիծաղող աղջիկներին։— Դեռ դիցաբանության մեջ կար դա։ Շարունակեցեք, իշխան։
 +
 +
— Այն ժամանակվանից ես սաստիկ սիրում եմ էշերին։ Նույնիսկ ինչ֊որ համակրանք կա մեջս։ Ես սկսեցի նրանց մասին հարցուփորձ անել, որովհետև առաջ էլ չէի տեսել, և անմիջապես ինքս էլ համոզվեցի, որ դա չափազանց օգտակար կենդանի է, աշխատավոր, ուժեղ, համեմատաբար էժան, տոկուն, և այդ իշու շնորհիվ հանկարծ ամբողջ Շվեյցարիան սկսեց ինձ դուր գալ, այնպես որ առաջվա թախիծս բոլորովին անցավ։
 +
 +
― Այդ բոլորը շատ տարօրինակ է, բայց իշու պատմությունը կարելի է և բաց թողնել, անցնենք ուրիշ նյութի։ Ի՞նչ ես շարունակ ծիծաղում, Ագլայա։ Եվ դո՞ւ, Ադելաիդա։ Իշխանը հիանալի պատմեց իշու մասին։ Նա ինքը տեսել է, իսկ դո՞ւ ինչ ես տեսել։ Դու հո արտասահմանում չե՞ս եղել։
 +
 +
— Ես էշ տեսել եմ, maman,— ասաց Ադելաիդան։
 +
 +
— Իսկ ես ձայնն էլ եմ լսել,— վրա բերեց Ագլայան։ Բոլոր երեքն էլ նորից ծիծաղեցին։ Իշխանը ծիծաղեց նրանց հետ։
 +
 +
— Դա շատ վատ է ձեր կողմից,— նկատեց տիկինը,— ներեցեք նրանց, իշխան, բայց նրանք բարի են։ Ես նրանց հետ շարունակ կռիվ եմ անում, բայց նրանց սիրում եմ։ Նրանք թեթևսոլիկ են, թեթևամիտ, խելառ։
 +
 +
— Ինչո՞ւ որ,— ծիծաղեց իշխանը,— ես էլ նրանց տեղը լինեի, առիթը բաց չէի թողնի։ Բայց ես համենայն դեպս իշու կողմն եմ։ Էշը բարի և օգտակար մարդ է։
 +
 +
— Իսկ դուք բարի՞ եք, իշխան։ Ես հետաքրքրասիրությունից դրդված եմ հարցնում,— հարցրեց տիկինը։
 +
 +
Բոլորը նորից ծիծաղեցին։
 +
 +
— Նորից այդ անիծյալ էշը մեջ ընկավ. ես նրա մասին նույնիսկ չէի մտածում,— գոչեց գեներալի կինը։— Խնդրում եմ, հավատացեք ինձ, իշխան, ես առանց որևէ...
 +
 +
— Ակնարկի՞։ Օ՜, հավատում եմ, անկասկած։
 +
 +
Եվ իշխանր ծիծաղում էր անընդհատ։
 +
 +
— Դա շատ լավ է, որ դուք ծիծաղում եք։ Ես տեսնում եմ, որ դուք շատ բարի երիտասարդ եք,— ասաց տիկինը։
 +
 +
— Երբեմն բարի չեմ,— պատասխանեց իշխանը։
 +
 +
— Իսկ ես բարի եմ,— անսպասելի հարեց տիկինը,— և եթե ուզում եք՝ ես միշտ բարի եմ, և դա իմ միակ թերությունն է, որովհետև պետք չէ միշտ բարի լինել։ Ես շատ հաճախ զայրանում եմ ահա սրանց վրա, առանձնապես Իվան Ֆյոգորովիչի վրա, բայց վատն այն է, որ ամենից ավելի բարի եմ, երբ զայրանում եմ։ Ես քիչ առաջ, նախքան ձեր գալը, բարկացել էի և ձևացնում էի, թե ոչինչ չեմ հասկանում և հասկանալ չեմ կարող. այդ ինձ հետ պատահում է. կարծես երեխա լինեմ։ Ագլայան ինձ դաս տվեց. շնորհակալ եմ քեզնից, Ագլայա։ Ասենք, ամեն ինչ դատարկ բան է։ Ես դեռ այնպես հիմար չեմ, ինչպես թվում եմ և ինչպես ուզում են ինձ ներկայացնել աղջիկներս։ Ես ուժեղ բնավորություն ունեմ և այնքան էլ ամոթխած չեմ։ Ի դեպ, սա առանց չարության եմ ասում։ Եկ այստեղ, Ագլայա, համբուրիր ինձ, դե... և բավական են քնքշանքները,— նկատեց նա։ երբ Ագլայան սրտանց համբուրեց նրա շրթունքները և ձեռքը։— Շարունակեցեք, իշխան։ Կարող է պատահել, իշուց ավելի հետաքրքիր մի բան հիշեք։
 +
 +
— Ես այնուամենայնիվ չեմ հասկանում, ինչպես կարելի է այդպես ուղղակի պատմել,― նորից նկատեց Ադելաիդան,— ես ոչ մի դեպքում չէի կարողանա։
 +
 +
— Իսկ իշխանը կկարողանա, որովհետև իշխանը չափազանց խելացի է և քեզանից առնվազն տասն անգամ, գուցե և տասներկու անգամ խելացի է։ Հուսով եմ, սրանից հետո կզգաս։ Ապացուցեք սրանց, իշխան, շարունակեցեք։ Իշուն իսկապես էլ կարելի է վերջ ի վերջո մի կողմ թողնել։ Դե, բացի իշուց ի՞նչ եք տեսել արտասահմանում։
 +
 +
— Իշու մասին էլ խելացի էր ասված,— նկատեց Ալեքսանդրան, — իշխանը շատ հետաքրքիր պատմեց իր հիվանդագին դեպքը և այն, թե ինչպես իրեն ամեն ինչ դուր եկավ մի արտաքին շարժառիթով։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես մարդիկ խելագարվում են և հետո նորից առողջանում։ Մանավանդ, եթե դա հանկարծակի է լինում։
 +
 +
— Ճիշտ է չէ՞։ Այնպես չէ՞,— վրա ընկավ գեներալի կինը,― տեսնում եմ, որ դու էլ երբեմն խելացի ես լինում. դե, բավական է ծիծաղել։ Դուք կանգ առաք, կարծեմ, Շվեյցարիայի բնության վրա, իշխան, դե։
 +
 +
— Մենք հասանք Լյուցեռն, և ինձ տարան լճով։ Ես զգում էի, թե որքան լավն է լիճը, բայց միաժամանակ սարսափելի ծանր էր ինձ համար,— ասաց իշխանը։
 +
 +
— Ինչո՞ւ,— հարցրեը Ալեքսանդրան։
 +
 +
— Չեմ հասկանում։ Ես միշտ ծանր ու անհանգիստ եմ զգում ինձ առաջին անգամ այդպիսի բնություն տեսնելիս․ և՛ լավ եմ զգում, և՛ անհանգիստ. ասենք այդ բոլորը դեռ հիվանդ ժամանակս էր։
 +
 +
— Ոչ, ես շատ կուզենայի տեսնել,— ասաց Ադելաիդան։— Եվ չեմ հասկանում, թե մենք երբ ենք արտասահման գնալու։ Ահա երկու տարի է ես պատկերներիս համար սյուժե չեմ կարողանում գտնել.
 +
 +
''Արևելք, հարավ պոետներն վաղուց են երգել...'' 
 +
 +
Սյուժե գտեք նկարիս համար, իշխան։
 +
 +
— Ես դրանից ոչինչ չեմ հասկանում։ Ինձ թվում է, պետք է նայել ու նկարել։
 +
 +
— Նայել չգիտեմ։
 +
 +
— Այդ ի՞նչ հանելուկներ եք ասում։ Ոչինչ չեմ հասկանում,— ընդհատեց գեներալի կինը,— ինչպե՞ս թե նայել չգիտեմ։ Աչքեր ունես՝ նայիր։ Այստեղ չգիտես նայել, ուրեմն արտասահմանում էլ չես սովորի։ Ավելի լավ է, պատմեցեք, իշխան, թե դուք ինքներդ ինչպես էիք նայում։
 +
 +
— Այ դա ավելի լավ կլինի,— ավելացրեց Ադելաիդան։― Չէ՞ որ իշխանը արտասահմանում է սովորել նայել։
 +
 +
— Չգիտեմ, ես այնտեղ միայն առողջությունս եմ լավացրել, չգիտեմ, սովորե՞լ եմ արդյոք նայել։ Ի դեպ, ես գրեթե ամբողջ ժամանակ շատ երջանիկ էի։
 +
 +
― Երջանի՞կ էիք։ Դուք կարողանո՞ւմ եք երջանիկ լինել,— բացականչեց Ագլայան,— հապա ինչպե՞ս եք ասում, թե չեք սովորել նայել։ Դեռ մեզ էլ կսովորեցնեք։
 +
 +
— Սովորեցրեք, խնդրեմ,— ծիծաղում էր Ադելաիդան։
 +
 +
— Ոչինչ չեմ կարող սովորեցնել,— ծիծաղում էր և իշխանը,— ես արտասահմանում գրեթե ամբողջ ժամանակ ապրում էի այդ շվեյցարական գյուղում, հազվադեպ էի մեկնում որևէ մոտիկ տեղ. ուրեմն ի՞նչ կարող եմ ձեզ սովորեցնել։ Սկզբում միայն այնքան էր, որ չէի ձանձրանում. շուտով սկսեցի առողջանալ, հետո ամեն մի օրն ինձ համար դառնում էր թանկ, և քանի գնում, այնքան ավելի թանկ էր դառնում, այնպես որ ես սկսեցի դա նկատել։ Պառկում էի քնելու շատ գոհ, իսկ վեր էի կենում ավելի ևս երջանիկ։ Իսկ թե ինչից էր այդ ամենը՝ բավական դժվար է պատմել։
 +
 +
— Այնպես որ դուք արդեն ոչ մի տեղ չէիք ուզում գնալ, ձեզ ոչ մի տեղ չէ՞ր ձգում,― հարցրեց Ալեքսանդրան։
 +
 +
― Սկզբում, ամենասկզբում, այո, ձգում էր և սաստիկ անհանգստություն էր տիրում ինձ։ Շարունակ մտածում էի, թե ինչպես պետք է ապրեմ, ուզում էի փորձել բախտս, առանձնապես որոշ րոպեներ անհանգիստ էի լինում։ Գիտե՞ք, այդպիսի րոպեներ կան, հատկապես միայնության մեջ։ Այնտեղ մի ջրվեժ ունեինք, փոքրիկ, թափվում էր բարձր սարից և այնպիսի բարակ շիթով, գրեթե ուղղահայաց, սպիտակ, աղմկոտ, փրփրադեզ, թափվում էր բարձրից, բայց թվում էր բավական ցածր, կես վերստ հեռավորության վրա էր, բայց թվում էր, թե մինչև այնտեղ հիսուն քայլ է։ Ես սիրում էի գիշերներն ունկնդրել նրա աղմուկին. ահա այդ րոպեներին երբեմն սաստիկ անհանգստություն էր գալիս վրաս։ Նույնպես երբեմն կեսօրին, երբ բարձրանում ես ուր-որ լեռները, մենակ կանգնում ես լեռան մեջտեղը, շուրջդ սոճիներ են, հնամենի, մեծ, խեժոտ, բարձրում, ժայռի վրա միջնադարյան հին ամրոց է, փլատակներ, մեր գյուղակը հեռու ցածումն է, հազիվ է երևում, արևը պայծառ է, երկինքը կապույտ, սարսափելի լռություն։ Ահա հենց այդ պահերին պատահում էր, որ շարունակ ձգտում էի ինչ֊որ տեղ, և ինձ թվում էր, որ եթե մարդ շարունակ գնա ուղիղ, գնա երկար-երկար և անցնի ահա այն գծի հետևը, հենց այն գծի, որտեղ երկինքն ու երկիրը հանդիպում են իրար, ապա այնտեղ է հարցի ամբողջ լուծումը, և անմիջապես նոր կյանք կտեսնես, հազարապատիկ ուժգին ու աղմկալի, քան մեզ մոտ․ ես շարունակ երազում էի այնպիսի մեծ քաղաքի մասին, ինչպես Նեապոլն է, այնտեղ անվերջ պալատներ են, աղմուկ, աղաղակ, կյանք... Է, ինչ ասես, որ չէի երազում։ Իսկ հետո ինձ թվաց, թե բանտում էլ կարելի է հսկայական կյանք գտնել։
 +
 +
— Վերջին գովելի միտքը ես դեռ իմ «Քրեստոմատիայում» եմ կարդացել, երբ տասներկ ու տարեկան էի,— ասաը Ագլայան։
 +
 +
— Այդ բոլորը փիլիսոփայություն է,— նկատեց Ադելաիդան,— դուք փիլիսոփա եք և եկել եք մեզ ուսուցանելու։
 +
 +
— Դուք գուցե և իրավացի եք,— ժպտաց իշխանը,— ես իրոք, թերևս, փիլիսոփա եմ, և ով գիտե, գուցե իսկապես էլ միտք ունեմ ուսուցանելու... Դա կարող է պատահել, իրավ, կարող է պատահել։
 +
 +
— Եվ ձեր փիլիսոփայությունը ճիշտ այնպիսին է, ինչպես Եվլամպիա Նիկոլաևնայինը,— կրկին վրա բերեց Ագլայան,— մի այդպիսի չինովնիկի կին կա, այրի, մեզ մոտ է գնում֊գալիս, ձրիակյացի նման մի բան է։ Նրա ամբողջ կյանքի խնդիրը էժանությունն է. միայն թե որքան կարելի է էժան լինի ապրուստը, հենց միայն կոպեկների մասին է խոսում, և նկատի ունեցեք, նա փող ունի, նա խորամանկի մեկն է։ Ճիշտ այդպես էլ ձեր հսկայական կյանքն է բանտում, գուցե և ձեր չորսամյա երջանկությունը գյուղում, որի դիմաց դուք ծախել եք ձեր Նեապոլ քաղաքը, և, կարծես թե շահով, չնայած նրան, որ ծախել եք մի քանի կոպեկի։
 +
 +
— Բանտային կյանքի մասին դեռ կարելի է և չհամաձայնել,— ասաց իշխանը,— ես լսել եմ մի մարդու պատմությունը, որը բանտում նստել է մոտ տասներկու տարի. դա իմ պրոֆեսորի հիվանդներից մեկն էր և բուժվում էր։ Նա նոպաներ էր ունենում, երբեմն անհանգիստ էր լինում, լալիս էր և նույնիսկ մի անգամ ինքնասպանության փորձ էր արել։ Նրա կյանքը բանտում շատ տխուր էր, հավատացնում եմ ձեզ, բայց, իհարկե, կոպեկանոց չէր։ Իսկ նրա ունեցած֊չունեցած ծանոթությունը սարդն էր և այն փոքրիկ ծառը, որ բուսել էր պատուհանի տակ... Բայց ավելի լավ է ձեզ պատմեմ անցյալ տարվա իմ մի ուրիշ հանդիպման մասին մի մարդու հետ։ Այստեղ մի շատ տարօրինակ հանգամանք կար. իսկն ասած, տարօրինակ էր նրանով, որ շատ սակավ է այդպիսի դեպք պատահում։ Այդ մարդուն մի անգամ ուրիշների հետ բարձրացրել էին կառափնարան և նրան կարդացել էին մահվան դատավճիռ՝ գնդակահարությամբ, քաղաքական հանցագործության համար։ Մի քսան րոպեից հետո կարդացել են նաև ներման հրամանը և նշանակվել է պատժի ուրիշ աստիճան, սակայն, երկու դատավճիռների միջև ընկած ժամանակամիջոցում, քսան րոպե, կամ, համենայն դեպս, քառորդ ժամ, նա ապրել է այն անտարակույս համոզմամբ, որ մի քանի րոպեից հետո նա հանկարծ կմեռնի։ Ես սաստիկ ուզում էի լսել, երբ նա երբեմն մտաբերում էր իր այն ժամանակվա տպավորությունները, և մի քանի անգամ սկսում էի նրան վերստին հարցուփորձել։ Նա ամեն ինչ հիշում էր արտասովոր պարզությամբ և ասում էր, որ երբեք այդ րոպեներից ոչինչ չի մոռանա։ Կառափնարանից քսան քայլ այն կողմ, որի մոտ կանգնած էին բազմությունը և զինվորները, երեք սյուն էր խրած, որովհետև հանցագործները մի քանի հոգի էին։ Առաջին երեքին տարան սյուների մոտ, կապեցին, մահվան զգեստ հագցրին նրանց (սպիտակ երկար բալախոններ), իսկ աչքներին սպիտակ թասակներ քաշեցին, որպեսզի հրացանները չերևան, ապա յուրաքանչյուր սյան դիմաց շարվեց մի քանի զինվորներից բաղկացած մի խումբ։ Իմ ծանոթը ըստ հերթի ութերորդն էր, նշանակում է սյուների մոտ պետք է գնար երրորդ հերթին։ Քահանան խաչը ձեռքին մոտեցավ բոլորին։ Դուրս էր գալիս, որ ապրելու մնացել է հինգ րոպեից ոչ ավելի։ Նա ասում էր, որ այդ հինգ րոպեն նրան թվում էր անվերջանալի ժամկետ, հսկայական հարստություն, նրան թվում էր, որ այդ հինգ րոպեի ընթացքում նա կապրի այնքան կյանքեր, որ դեռևս հիմա իսկի էլ կարիք չկա մտածելու վերջին վայրկյանի մասին, այնպես որ նա դեռ զանազան կարգադրություններ արավ. ժամանակն այնպես տնօրինեց, որ հրաժեշտ տա ընկերներին, դրան հատկացրեց մի երկու րոպե, հետո երկու րոպե էլ հատկացրեց, որ վերջին անգամ մտածի իր մասին, իսկ հետո, որպեսզի վերջին անգամ նայի շուրջը։ Նա շատ լավ հիշում էր, որ հենց այդ երեք կարգադրությունն էր արել և հենց այդպես էր հաշվել։ Նա մեռնում էր քսանյոթ տարեկան, առողջ և ուժեղ, ընկերներին հրաժեշտ տալիս, նա հիշում էր, որ նրանցից մեկին մի բավականին կողմնակի հարց տվեց և նույնիսկ շատ հետաքրքրվեց պատասխանով։ Հետո, երբ նա հրաժեշտ տվեց ընկերներին, վրա հասավ այն երկու րոպեն, որ նա հատկացրել էր, որպեսզի ''մտածեր իր մասին''։ Նա վաղօրոք գիտեր, թե ինչի մասին պիտի մտածեր. նա շարունակ ուզում էր պատկերացնել որքան կարելի է արագ ու վառ, թե ահա ո՞նց թե այսպես նա հիմա կա և ապրում է, իսկ երեք րոպեից հետո կլինի արդեն ''ինչ-որ'', ինչ֊որ մեկը կամ ինչ֊որ բան, ուրեմն ո՞վ։ Ուրեմն որտե՞ղ։ Այս բոլորը նա մտադիր էր այդ երկու րոպեում լուծել։ Ոչ հեռվում եկեղեցի կար, և տաճարի կատարը ոսկեզօծ տանիքով պսպղում էր պայծառ արևի ներքո։ Նա հիշում էր, որ սարսափելի համառորեն նայում էր այդ տանիքին և նրանից շողացող ճառագայթներին. կտրվել չէր կարող ճառագայթներից. նրան թվում էր, թե այդ ճառագայթները իր նոր էությունն են, որ երեք րոպեից հետո ինքը որևէ ձևով կծալվի նրանց հետ... անհայտությունն ու նողկանքը այդ նորից, որը լինելու է և հիմա վրա կհասնի, սարսափելի էին. բայց նա ասում է, որ այդ ժամանակ ոչինչ ավելի ծանր չէր, քան մի անընդհատ միտք. «Ինչ կլիներ չմեռնեի՜։ Ինչ կլիներ կյանքս վերադարձնեի՜ն, ինչպիսի՜ անվերջություն։ Եվ այդ ամբողջը ի՜մը կլիներ։ Ես այն ժամանակ ամեն մի րոպեն մի ամբողջ դար կդարձնեի, ոչինչ չէի կորցնի, ամեն մի րոպեի հաշիվը կպահեի, ո՛չ մի բան զուր չէի վատնի»։ Նա ասում էր, որ այդ միտքը վերջապես այնպիսի զայրույթի փոխվեց, որ նա արդեն ուզում էր, որ շուտով գնդակահարեն իրեն։
 +
 +
Իշխանը հանկարծ լռեց. բոլորը սպասում էին, որ նա կշարունակի և եզրակացություն կհանի։
 +
 +
— Դուք վերջացրի՞ք,— հարցրեց Ագլայան։
 +
 +
― Ի՞նչ, վերջացրի,― ասաց իշխանը, սթափվելով րոպեական մտածմունքից։
 +
 +
— Բայց ինչո՞ւ պատմեցիք այդ մասին։
 +
 +
― Այնպես... միտքս եկավ... ես խոսքի համար...
 +
 +
― Դուք շատ կցկտուր եք խոսում,— նկատեց Ալեքսանդրան,— դուք, իշխան, հավանաբար ուզում էիք եզրակացնել, որ մի ակնթարթն իսկ չի կարելի կոպեկի արժեքով գնահատել, և երբեմն հինգ րոպեն գանձից էլ թանկ է։ Այդ ամենը գովելի է, սակայն, ներեցեք, ի՞նչ եղավ այդ բարեկամը, որը ձեզ այդպիսի սոսկալի բաներ էր պատմում... չէ որ նրա պատիժը փոխեցին, նշանակում է նվիրեցին այդ «անվերջանալի կյանքը»։ Նա հետո ինչպե՞ս վարվեց այդ հարստության հետ։ Արդյոք ապրո՞ւմ էր ամեն վայրկյանը «հաշվելով»։
 +
 +
— Օ, ոչ, նա ինքն էր ինձ ասում,— ես նրան այդ մասին արդեն հարցրել եմ,— ամենևին էլ այդպես չէր ապրում և շատ֊շատ րոպեներ էր կորցրել։
 +
 +
— Դե, նշանակում է, ահա ձեզ և փորձ, նշանակում է չի կարելի ապրել, իսկապես «հաշիվ անելով»։ Ինչ֊որ պատճառով, բայց չի կարելի։
 +
 +
— Այո, ինչ֊որ պատճառով, բայց չի կարելի,— կրկնեց իշխանը։— Դա ինձ էլ էր այդպես թվում... բայց, համենայն դեպս, մարդ չի հավատում․․․
 +
 +
— Այսինքն՝ դուք կարծում եք, որ բոլորից ավելի խելացի՞ կապրեք ձեր կյանքը,— ասաց Ագլայան։
 +
 +
— Այո, երբեմն դա անցել է մտքովս։
 +
 +
— Եվ անցնո՞ւմ է։
 +
 +
— Եվ․․․ անցնում է,— պատասխանեց իշխանը, առաջվա նման մեղմ և նույնիսկ երկչոտ ժպիտով նայելով Ագլայային, բայց իսկույն էլ նորից ծիծաղեց ու զվարթ նայեց նրան։
 +
 +
— Համե՜ստ բան է,— ասաց Ագլայան գրեթե գրգռված։
 +
 +
— Բայց ի՜նչ խիզախներն եք դուք, ահա դուք ծիծաղում եք, իսկ ինձ նրա պատմածը այնպես էր շշմեցրել, որ ես հետո երազումս տեսա, հենց այդ հինգ րոպեն տեսա․․․
 +
 +
Նա հետաքրքրությամբ ու լուրջ մի անգամ էլ աչքերը հածեց իր ունկնդրուհիների վրա։
 +
 +
— Դուք որևէ պատճառով չե՞ք բարկանում ինձ վրա,— հանկարծ հարցրեց նա կարծես թե շփոթված, սակայն, ուղիղ նայելով բոլորի աչքերին։
 +
 +
— Ինչի՞ համար,— զարմացած բացականչեցին երեք աղջիկն էլ։
 +
 +
— Դե նրա համար, որ կարծես թե շարունակ ուսուցանում եմ․․․
 +
 +
Բոլորը ծիծաղեցին։
 +
 +
— Եթե բարկանում եք, մի բարկացեք,— ասաց իշխանը,― չէ՞ որ ինքս էլ գիտեմ, որ ուրիշներից պակաս եմ ապրել և բոլորից քիչ եմ հասկանում կյանքը։ Գուցե երբեմն ես շատ տարօրինակ եմ խոսում...
 +
 +
Եվ նա վերջնականապես շփոթվեց։
 +
 +
— Եթե ասում եք, որ երջանիկ եք եղել, նշանակում է ոչ թե պակաս, այլ ավելի եք ապրել, ուրեմն ինչո՞ւ եք կեղծում և ներողություն խնդրում,— խիստ և բծախնդիր սկսեց Ագլայան,— և խնդրեմ, մի անհանգստացեք, որ մեզ ուսուցանում եք, այստեղ դուք ոչ մի հաղթանակ չունեք։ Ձեր կվիտեիզմով հարյուր տարվա կյանքն էլ կարելի է երջանկությամբ լցնել։ Ձեզ մահապատիժ ցույց տան կամ մատ ցույց տան․ թե մեկից, թե մյուսից միանման գովելի միտք դուրս կբերեք, և դեռ գոհ կմնաք։ Այդպես կարելի է ապրել։
 +
 +
— Ինչի՞ վրա ես շարունակ չարանում, չեմ հասկանում,— վրա բերեց գեներալի կինը, որ վաղուց դիտում էր խոսողների դեմքերը,— և ինչի՞ մասին եք խոսում, նույնպես չեմ կարողանում հասկանալ։ Ի՞նչ մատ և այդ ի՞նչ ցնդաբանություն է։ Իշխանը հրաշալի է խոսում, միայն մի քիչ տխուր։ Ինչո՞ւ ես նրա վստահությունը կոտրում։ Երբ նա սկսեց, ծիծաղում էր, իսկ հիմա բոլորովին ապուշ է կտրել։
 +
 +
— Ոչինչ, maman։ Բայց ափսոս, իշխան, որ դուք մահապատիժ չեք տեսել, թե չէ ձեզ մի բան կհարցնեի։
 +
 +
— Ես տեսել եմ մահապատիժ,— պատասխանեց իշխանը։
 +
 +
— Տեսե՞լ եք,— ճչաց Ագլայան։— Ես պետք է գլխի ընկնեի։ Դա պսակում է ողջ գործը։ Եթե տեսել եք, ինչպե՞ս եք ասում, թե ամբողջ ժամանակը երջանիկ եք անցկացրել։ Ինչ է, ճիշտ չասացի՞։
 +
 +
— Բայց մի՞թե ձեր գյուղում մահապատժի ենթարկում են,― հարցրեց Ադելաիդան։
 +
 +
— Ես Լիոնում եմ տեսել։ Շնեյդերի հետ էի գնացել այնտեղ, նա էր իր հետ տարել։ Հենց որ եկա, ուղղակի ընկա այդ մահապատժի տեղը։
 +
 +
— Իսկ ձեզ շա՞տ դուր եկավ։ Ուսանելի, օգտակար շա՞տ բան կար,— հարցնում էր Ագլայան։
 +
 +
— Դա ինձ բոլորովին դուր չեկավ, և դրանից հետո մի քիչ հիվանդ էի, բայց խոստովանում եմ, որ նայում էի մեխվածի պես, աչքերս չէի կարող կտրել։
 +
 +
— Ես էլ չէի կարողանա աչքերս կտրել,— ասաց Ագլայան։
 +
 +
— Այնտեղ բոլորովին չեն սիրում, երբ կանայք գնում են նայելու, նույնիսկ հետո լրագրում գրում են այդ կանանց մասին։
 +
 +
— Ուրեմն, եթե գտնում են, որ դա կանացի գործ չէ, դրանով իսկ ուզում են ասել (հետևաբար և արդարացնել), որ դա տղամարդու գործ է։ Շնորհավորում եմ տրամաբանության համար։ Եվ իհարկե, դուք էլ այդպես եք կարծում։
 +
 +
— Պատմեցեք մահապատժի մասին,— ընդհատեց Ադելաիդան։
 +
 +
— Ես բոլորովին չէի ուզենա հիմա...— շփոթվեց և կարծես թե մռայլվեց իշխանը։
 +
 +
— Կարծես ափսոսում եք մեզ պատմել,— խայթեց Ագլայան։
 +
 +
— Ոչ, նրա համար եմ ասում, որ այդ մահապատժի մասին քիչ առաջ պատմել եմ։
 +
 +
— Ո՞ւմ եք պատմել։
 +
 +
— Ձեր կամերդիներին, երբ սպասում էի...
 +
 +
— Ո՞ր կամերդիներին,— լսվեց ամեն կողմից։
 +
 +
— Այ այն, որ նախասենյակում է նստած, ալեխառն մազերով, դեմքը մի քիչ կարմիր. ես նստել էի նախասենյակում, որպեսզի Իվան Ֆյոդորովիչի մոտ գնայի։
 +
 +
— Դա տարօրինակ է,— նկատեց գեներալի տիկինը։
 +
 +
— Իշխանը դեմոկրատ է,— խոսքը կտրեց Ագլայան,— դե, եթե Ալեքսեյին պատմել եք, մեզ չեք կարող մերժել։
 +
 +
— Ես անպայման ուզում եմ լսել,— կրկնեց Ադելաիդան։
 +
 +
— Քիչ առաջ իսկապես,— նրան դիմեց իշխանը, նորից փոքր֊ինչ ոգևորվելով (թվում է, նա շատ շուտ և դյուրահավատորեն էր ոգևորվում),— իսկապես, միտք ունեի, երբ ինձնից նկարի սյուժե էիք հարցնում, ձեզ սյուժե տալ. նկարել դատապարտվածի դեմքը գիլյոտինի հարվածից մի րոպե առաջ, երբ դեռ նա կանգնած է կառափնարանի վրա, նախքան այդ տախտակի վրա պառկելը։
 +
 +
— Ինչպե՞ս թե դեմքը։ Միայն դե՞մքը,― հարցրեց Ադելաիդան,— տարօրինակ սյուժե կլինի և դա ի՞նչ նկար է։
 +
 +
— Չգիտեմ, ինչո՞ւ որ,― եռանդով պնդում էր իշխանը,— նորերս Բաղեչում մի այդպիսի նկար ես տեսել եմ։ Շատ եմ ուզում պատմել ձեզ... Երբևէ կպատմեմ․․․ ինձ շատ զարմացրեց։
 +
 +
— Բազելյան նկարի մասին հետո անպայման կպատմեք,— ասաց, Ադելաիդան,— իսկ հիմա ինձ բացատրեցեք այդ մահապատժից նկարելիք նկարը։ Կարո՞ղ եք այնպես հաղորդել, ինչպես այդ պատկերացնում եք։ Այնպես, միայն դե՞մքը։ Իսկ ինչպիսի՞ դեմք է դա։
 +
 +
— Դա մահվանից ուղիղ մի րոպե առաջ է,— լիակատար պատրաստակամությամբ սկսեց իշխանը, տարվելով հիշողություններով և, ըստ երևույթին, անմիջապես մոռանալով մնացած ամեն ինչ,— հենց այն րոպեին, երբ նա բարձրացավ սանդղակի վրա և հենց նոր ոտք դրեց կառափնարանին։ Այստեղ նա նայեց իմ կողմը. ես նայեցի նրա դեմքին և ամեն ինչ հասկացա... Ասենք, ախր դա ինչպե՞ս պատմեմ։ Ես շատ, շատ կուզենայի, որ դուք կամ որևէ մեկը դա նկարեր։ Լավ կլիներ, եթե դուք։ Ես հենց այն ժամանակ մտածեցի, որ դա օգտակար նկար կլիներ։ Գիտե՞ք, այստեղ պետք է ամեն ինչ պատկերացնել, ինչ որ եղել է վաղօրոք, ամեն, ամեն ինչ։ Նա ապրում էր բանտում և մահապատժին սպասում էր առնվազն գոնե մի շաբաթ հետո, նա մի տեսակ հույսը դնում էր սովորական ձևականության վրա, որ թուղթը դեռ ինչ֊որ տեղ պետք է գնա և միայն մի շաբաթ հետո դուրս կգա։ Իսկ այստեղ հանկարծ ինչ֊որ առիթով գործը կրճատվել էր։ Առավոտյան ժամը հինգին նա քնած էր։ Դա հոկտեմբերի վերջին էր. ժամը հինգին դեռ ցուրտ է և մութ։ Կամացուկ մտնում է բանտի վերակացուն պահակախմբի հետ և զգուշությամբ ցնցում է նրա ուսը, նա տեղում շտկվում է, արմունկին հենվում, տեսնում է լույսը, «Ի՞նչ է»։— «Ժամը տասին մահապատիժն է»։ Նա քունը գլուխը չի հավատում, սկսում է վիճել, թե թուղթը մի շաբաթից հետո կգա, բայց երբ բոլորովին սթափվում է, դադարում է վիճելուց և լռում է,— այդպես էին պատմում,— հետո ասում է. «Համենայն դեպս դժվար է այսպես հանկարծակի․․․» և դարձյալ լռում է, և այլևս ոչինչ չի ուզում ասել։ Այստեղ երեք֊չորս ժամ անցնում է որոշ բաների վրա. քահանայի վրա, նախաճաշի վրա, որի ժամանակ նրան գինի, սուրճ և տավարի միս են տալիս (դե, ծաղր չէ՞ դա։ Ախր մարդ մտածում է, թե որքան դաժան բան է դա, իսկ մյուս կողմից, աստվա՛ծ վկա, այդ անմեղ մարդիկ սրտանց են անում և համոզված են, որ դա մարդասիրություն է), հետո զուգվելը (գիտե՞ք ինչ բան է հանցագործի զուգվելը), վերջապես քաղաքի միջով տանում են մինչև, կառափնարան... Ես կարծում եմ, որ ահա այստեղ էլ թվում է, թե դեռ անսահման ժամանակ է մնում ապրելու, մինչ տանում են։ Ինձ թվում է, ճանապարհին նա հավանաբար մտածում էր. «Դեռ շատ կա, դեռ երեք փողոց մնում է ապրելու. ահա այս փողոցը կանցնեմ, հետո դեռ այն մյուսը կմնա, հետո էլի այն մյուսը, որտեղ աջ կողմում բուլկավաճառն է․․․ դեռ ե՜րբ ենք հասնելու բուլկավաճառին»։ Շուրջը բազմություն է, աղմուկ, աղաղակ, տասը հազար դեմք, տասը հազար աչք, այդ բոլորին պետք է դիմանալ, իսկ գլխավորը՝ այն միտքը, թե՝ «Ահա, նրանք տասը հազար են, բայց նրանցից ոչ ոքի չեն սպանի, իսկ ինձ կսպանեն»։ Դե, ահա այս բոլորը նախօրոք։ Դեպի կառափնարան տանում է մի սանդղակ. այստեղ նա հանկարծ սանդղակի առաջ լաց եղավ, մինչդեռ նա ուժեղ և արի մարդ էր, ասում են, մեծ չարագործ էր։ Նրա հետ շարունակ անբաժան էր քահանան, սայլակում էլ նրա հետ գնում և շարունակ խոսում էր, խոսում. հազիվ թե մահապարտը լսում էր նրան, թե սկսում էլ էր լսել, երրորդ բառն արդեն չէր հասկանում։ Պետք է որ այդպես լիներ։ Վերջապես սկսեց սանդղակին բարձրանալ. այստեղ ոտները կապած են, դրա համար էլ փոքր քայլերով են շարժվում։ Քահանան, որ ըստ երևույթին խելոք մարդ էր, դադարեց խոսելուց, և միայն շարունակ խաչն էր տալիս նրան համբուրելու։ Սանդղակի ներքևում նա շատ գունատ էր, իսկ երբ բարձրացավ ու կանգնեց կառափնարանի վրա, հանկարծ թղթի նման սպիտակեց, բոլորովին՝ ինչպես գրելու ճերմակ թուղթ։ Հավանաբար նրա ոտները թուլանում ու փայտանում էին, և սրտխառնոց էլ ուներ,— կարծես թե կոկորդում մի բան ճնշում է և դրանից խտուտ է գալիս,— դուք երբևէ զգացե՞լ եք վախի կամ շատ սարսափելի րոպեներին, երբ ամբողջ գիտակցությունն էլ մնում է, բայց արդեն ոչ մի իշխանություն չունի։ Ինձ թվում է, եթե, օրինակ, անխուսափելի կործանում է լինելու, տունը փուլ է գալիս ձեր վրա, ապա այստեղ մարդ հանկարծ սաստիկ կուզենա նստել ու աչքերը փակել և սպասել՝ ինչ լինելու է լինի... Ահա հենը այստեղ, երբ սկսվում էր այդ թուլությունը, քահանան շուտով մի այնպիսի արագ շարժումով ու լուռ, խաչը հանկարծ ուղիղ նրա շրթունքներին էր դնում, մի այնպիսի փոքրիկ, արծաթե, քառաթև խաչ, հաճախակի էր դնում, րոպեն մեկ։ Եվ հենց որ խաչը դիպչում էր շրթունքներին, նա աչքերը բաց էր անում և նորից մի քանի վայրկյան կարծես թե աշխուժանում էր և ոտքերը առաջ էին գնում։ Խաչը նա ագահաբար էր համբուրում, շտապում էր համբուրել, կարծես շտապում էր չմոռանալ ինչ֊որ պաշար վերցնել իր հետ, համենայն դեպս, բայց հազիվ թե այդ ժամանակ կրոնական որևէ բան էր գիտակցում։ Եվ այդպես էր մինչև վերջին րոպեն... Տարօրինակ է, որ այդ ամենավերջին վայրկյաններին հազվադեպ են ուշագնաց լինում։ Ընդհակառակը, գլուխը սարսափելի ապրում է և աշխատում, ըստ երևույթին՝ ուժգին, ուժգին, ուժգին, ինչպես բանող մեքենան, ես պատկերացնում եմ, ուղղակի բախում են զանազան մտքերը, բոլորն անավարտ, և կարող է պատահել, նաև այնպիսի ծիծաղելի, կողմնակի մտքեր. «Ահա այս մեկը նայում է՝ նրա ճակատին գորտնուկ կա, ահա դահճի ներքևի կոճակներից մեկը ժանգոտել է»... Մինչդեռ ամեն ինչ գիտես և ամեն ինչ հիշում ես, մի այդպիսի կետ կա, որը ոչ մի կերպ չի կարելի մոռանալ, և ուշագնաց լինել չի կարելի․ և ամեն ինչ նրա շուրջը, այդ կետի շուրջն է ման գալիս ու պտտվում։ Եվ մարդ մտածի, որ դա այդպես է մինչև վերջին քառորդ վայրկյանը, երբ գլուխն արդեն դրել է կառափնակոճղին, և սպասում է, և... ''գիտի'', և հանկարծ իր վերևում կլսի, թե երկաթն ինչպես սահեց։ Մարդ անպայման դա կլսի։ Ես, եթե կառափնակոճղին պառկած լինեի, հատկապես ականջ կդնեի և կլսեի։ Այստեղ, գուցե ակնթարթի միայն մեկ տասներորդ մասն է, բայց մարդ անպայման կլսի։ Եվ պատկերացրեք, դեռ մինչև հիմա վիճում են այն մասին, որ, գուցե, երբ գլուխն արդեն թռչում է, ապա դեռ մի վայրկյանաչափ ժամանակ էլ, գուցե, գիտի, որ թռել է,— ինչպիսի՜ հասկացություն։ Իսկ եթե հի՜նգ վայրկյան... Կառափնարանն այնպես նկարեցեք, որ պարզ ու մոտիկից երևա միայն վերջին աստիճանը, ոճրագործը ոտքը դրել է դրա վրա. գլուխը, դեմքը թղթի պես ճերմակ է, քահանան պարզում է խաչը, ոճրագործն ագահաբար մեկնում է իր կապտած շրթունքները և նայում է, և ''ամեն ինչ գիտի''։ Խաչը և գլուխը՝ ահա նկարը, քահանայի, դահճի, նրա երկու սպասավորների դեմքերը և մի քանի գլուխ ու աչք ցածում՝ այդ բոլորը կարելի է նկարել ասես թե երրորդ պլանի վրա, մշուշի մեջ, որպես լրացուցիչ մանրամասնություններ... Ահա թե ինչպիսի նկար։
 +
 +
Իշխանը լռեց և նայեց բոլորին։
 +
 +
— Դա, իհարկե, նման չէ կվիտեիզմի,— ինքն իրեն ասաց Ալեքսանդրան։
 +
 +
— Դե, հիմա պատմեցեք, թե ինչպես եք սիրահարված եղել,— ասաց Ադելաիդան։
 +
 +
Իշխանը զարմանքով նայեց նրան։
 +
 +
— Լսեցեք,— կարծես շտապում էր Ադելաիդան,— դուք դեռ պարտք եք մնում պատմելու բազելյան նկարի մասին, բայց հիմա ես ուզում եմ լսել, թե ինչպես եք սիրահարված եղել, մի ուրացեք, եղել եք։ Ընդսմին, հենց որ սկսում եք պատմել, դադարում եք փիլիսոփա լինելուց։
 +
 +
— Դուք հենց որ ավարտում եք պատմելը, անմիջապես ամաչում եք ձեր պատմածից,— հանկարծ նկատեց Ագլայան։— Դա ինչի՞ց է։
 +
 +
— Ի՜նչ հիմար բան է դա, վերջապես,— խոսքը կտրեց գեներալի կինը, զայրացած նայելով Ագլայային։
 +
 +
— Խելացի բան չէ,— հաստատեց Ալեքսանդրան։
 +
 +
— Չհավատաք նրան, իշխան,— դարձավ նրան տիկինը,— այդ նա դիտմամբ, ինչ-որ չարությունից դրդված է անում, նա ամենևին էլ այդպես հիմար չի դաստիարակված, բան մի կարծեք, որ նրանք այդպես ձանձրացնում են ձեզ։ Հավանաբար մտքները մի բան են դրել, բայց նրանք արդեն սիրում են ձեզ։ Ես նրանց դեմքերը գիտեմ։
 +
 +
— Ես էլ գիտեմ նրանց դեմքերը,— ասաց իշխանը, հատկապես շեշտելով իր բառերը։
 +
 +
— Այդ ինչպե՞ս,— հետաքրքրված հարցրեց Ադելաիդան։
 +
 +
— Դուք ի՞նչ գիտեք մեր դեմքերի մասին,— հետաքրքրվեցին նաև մյուս երկուսը։
 +
 +
Բայց իշխանը լուռ էր և լուրջ. բոլորը սպասում էին նրա պատասխանին։
 +
 +
— Ես ձեզ հետո կասեմ,— ասաց նա կամացուկ ու լուրջ։
 +
 +
— Դուք վճռականորեն ուզում եք շահագրգռել մեզ,— բացականչեց Ագլայան,— և ինչպիսի՜ հանդիսավորություն։
 +
 +
— Դե լավ,— նորից աճապարեց Ադելաիդան,— բայց եթե դուք դեմքերի այդպիսի գիտակ եք, ապա հավանաբար և սիրահարված եք եղել, նշանակում է, ես գուշակել եմ։ Դե ուրեմն պատմեցեք։
 +
 +
— Ես սիրահարված չեմ եղել,— պատասխանեց իշխանը նույնպես կամացուկ և լուրջ,— ես... երջանիկ էի այլ կերպ։
 +
 +
— Իսկ ինչպե՞ս, ինչո՞վ։
 +
 +
— Լավ, ես ձեզ կպատմեմ,— ասաց իշխանը կարծես խոր մտածմունքի մեջ ընկած։
  
 
=== VI ===
 
=== VI ===
 +
— Ահա դուք բոլորդ հիմա,— սկսեց իշխանը,— ինձ նայում եք այնպիսի հետաքրքրությամբ, որ եթե ես գոհացում չտամ դրան, ով գիտի բարկանաք ինձ վրա։ Ոչ, ես կատակ եմ անում,— շտապ ավելացրեց նա ժպտալով.— այնտեղ... այնտեղ բոլորը երեխաներ էին, ես ամբողջ ժամանակ այնտեղ երեխաների հետ էի, միմիայն երեխաների։ Դրանք այն գյուղի երեխաներն էին, ամբողջ խումբը, որ սովորում էր դպրոցում։ Ես ոչ թե դաս էի տալիս նրանց, օ, ոչ, դրա համար այնտեղ դպրոցական ուսուցիչ կար, Ժյուլ Տիբոն. ասենք, ես դաս էլ էի տալիս, բայց մեծ մասամբ նրանց հետ լինում էի հենց այնպես, և իմ բոլոր չորս տարիները այդպես էլ անցան։ Ինձ ուրիշ ոչ մի բան հարկավոր չէր։ Ես նրանց ամեն ինչ ասում էի, ոչինչ չէի թաքցնում նրանցից։ Նրանց հայրերն ու ազգականները բոլորն ինձնից նեղացան, որովհետև երեխաները, վերջապես, առանց ինձ չէին կարող յոլա գնալ և շարունակ իմ շուրջն էին խռնվում, իսկ դպրոցի ուսուցիչը, ի վերջո, նույնիսկ դարձավ իմ առաջին թշնամին։ Ես այնտեղ շատ թշնամիներ ունեցա և բոլորը երեխաների պատճաոով։ Նույնիսկ Շնեյդերն ինձ ամոթանք էր տալիս։ Եվ ինչի՞ց էին նրանք այդպես վախենում։ Երեխային կարելի է ամեն ինչ ասել, ամեն ինչ. ինձ միշտ զարմացրել է այն միտքը, թե որքան վատ են ճանաչում մեծերը երեխաներին, հայրերն ու մայրերը նույնիսկ իրենց երեխաներին։ Երեխաներից ոչինչ չպետք է թաքցնել, այն պատրվակով, որ նրանք փոքր են և նրանց համար վաղաժամ է իմանալը։ Ինչպիսի տխուր և տարաբախտ միտք։ Եվ ինչպես լավ են նկատում երեխաներն իրենք, որ հայրերը նրանց համարում են չափազանց փոքրիկ ու ոչինչ չհասկացող, մինչդեռ նրանք ամեն ինչ հասկանում են։ Մեծերը չգիտեն, որ երեխան նույնիսկ ամենադժվարին գործում կարող է չափազանց կարևոր խորհուրդ տալ։ Օ, աստվա՛ծ, երբ ձեզ վրա նայում է այդ լավիկ թռչնակը, դյուրահավատ ու երջանիկ, չէ՞ որ դուք կամաչեք նրան խաբել։ Ես նրա համար եմ թռչնակ անվանում նրանց, որովհետև աշխարհում թռչնակից լավ բան չկա։ Ի դեպ, գյուղում բոլորն ինձնից նեղացան ավելի շատ մի առիթով... Իսկ Տիբոն ուղղակի նախանձում էր ինձ. նա սկզբում շարունակ գլուխն էր օրորում և զարմանում, թե այդ ինչպես երեխաները իմ բոլոր ասածները հասկանում են, իսկ նրա համարյա ոչ մի ասածը չեն հասկանում, իսկ հետո նա սկսեց ինձ վրա ծիծաղել, երբ ես նրան ասացի, թե մենք երկուսս էլ նրանց ոչինչ չենք սովորեցնի, իսկ նրանք դեռ մեզ կսովորեցնեն։ Եվ նա ինչպե՜ս կարող էր ինձ նախանձել ու զրպարտել, երբ ինքն էլ երեխաների հետ էր ապրում։ Երեխաների միջոցով հոգին բուժվում է... Այնտեղ Շնեյդերի հաստատությունում մի հիվանդ կար, մի շատ դժբախտ մարդ։ Դա մի այնպիսի սոսկալի դժբախտություն էր, որ նմանը հազիվ թե հնարավոր լինի։ Նրան տվել էին խելագարությունից բուժվելու, իմ կարծիքով նա խելագար չէր. նա միայն սարսափելի տառապում էր, դա էր նրա ամբողջ հիվանդությունը։ Եվ եթե իմանայիք, թե վերջում ինչ դարձան նրա համար մեր երեխաները... Բայց ավելի լավ է այդ հիվանդի մասին հետո պատմեմ, ես հիմա կպատմեմ, թե ինչպես սկսվեց այդ ամենը։ Երեխաները սկզբում ինձ չսիրեցին։ Ես այնպես մեծ էի, ես միշտ այնպես ծանրաշարժ եմ, ես գիտեմ, որ նաև տգեղ եմ... Վերջապես և այն, որ ես օտարերկրացի էի։ Երեխաները սկզբում ինձ վրա ծիծաղում էին, իսկ հետո նույնիսկ սկսեցին քարեր շպրտել վրաս, երբ թաքուն ծիկրակելով տեսել էին, որ ես համբուրեցի Մարիին։ Իսկ ես ընդամենը մի անգամ եմ համբուրել նրան... Ոչ, մի ծիծաղեք,— շտապեց ընդհատել իշխանը իր ունկնդրուհիների քմծիծաղը,— այստեղ ամենևին էլ սեր չկար։ Եթե իմանայիք, թե դա ինչպիսի՜ դժբախտ արարած էր, ապա ինքներդ էլ շատ Կխղճայիք նրան, ինչպես և ինձ։ Նա մեր գյուղից էր։ Նրա մայրը զառամյալ պառավ էր, և նրանց փոքրիկ, երկու լուսամուտանոց բոլորովին խարխուլ տանը միջնորմով անջատված էր մի լուսամուտը, գյուղի գլխապետության թույլտվությամբ. այդ լուսամուտից նրան թույլ էին տվել կոշկակապերի, թելի, ծխախոտի, օճառի առևտուր անել, ամենաչնչին կոպեկներով, դրանով էլ նա ապրում էր։ Նա հիվանդ էր, և ոտքերն ամբողջովին ուռչում էին, այնպես որ նա շարունակ տեղում նստած էր։ Մարին նրա աղջիկն էր, մոտ քսան տարեկան, թուլակազմ ու նիհարիկ. նրա մեջ վաղուց էր թոքախտը բուն դրել, բայց նա շարունակում էր տնետուն գնալ օրավարձով ծանր աշխատանքի վարձվելու. հատակ էր լվանում, լվացք անում, բակերն ավլում, անասուններին խնամում։ Մի անցվոր ֆրանսիացի կոմի գայթակղեցրեց նրան ու տարավ, իսկ մի շաբաթ անց ճանապարհին գցեց նրան մենակ ու սուսուփուս հեռացավ։ Աղջիկը տուն հասավ ողորմություն խնդրելով, ամբողջովին կեղտոտված, ամբողջովին ցնցոտիների մեջ, քրքրված կոշիկներով, նա ոտքով էր եկել ամբողջ շաբաթը, գիշերել էր դաշտում և խիստ մրսել էր. ոտքերը վերքերով էին պատել, ձեռներն ուռել և ճաքճքվել։ Ի դեպ, առաջ էլ նա գեղեցիկ չէր, միայն աչքերն էին մեղմ, բարի, անմեղ։ Սաստիկ լռակյաց էր։ Մի անգամ, դեռ առաջ, աշխատանքի ժամանակ նա հանկարծ սկսեց երգել, և, հիշում եմ, բոլորը զարմացան և սկսեցին ծիծաղել. «Մարին սկսեց երգե՜լ։ Ինչպի՞ս, Մարին սկսեց երգե՜լ»,— ու նա սարսափելի շփոթվեց և հետո արդեն առհավետ լռեց։ Այն ժամանակ դեռ նրան գուրգուրում էին, բայց երբ նա վերադարձավ հիվանդ ու խոշտանգված, ոչ ոքի կողմից ոչ մի կարեկցանք չգտավ։ Որքա՜ն դաժան են նրանք այդ հարցում։ Որքա՜ն ծանր են նրանց հասկացողություններն այդ մասին։ Մայրը առաջինը նրան ընդունեց չարությամբ ու արհամարհանքով. «Դու հիմա ինձ պատվազրկեցիր»։ Հենց նա առաջինն էլ աղջկան մատնեց անարգանքի. երբ գյուղում իմացան, որ Մարին վերադարձել է, բոլորը վազ տվին Մարիին տեսնելու, և համարյա ամբողջ գյուղը հավաքվեց պառավի խրճիթում. ծերեր, մանուկներ, կանայք, աղջիկներ, բոլորը, այնպիսի շտապող, ագահ բազմությամբ։ Մարին պառկած էր հատակին, պառավի ոտների առաջ ու լալիս էր։ Երբ բոլորը եկան հավաքվեցին, նա ծածկվեց իր շաղ եկած մազերով և այդպես երեսն ի վայր սեղմվեց հատակին։ Շուրջը բոլորը նրան նայում էին որպես մի գարշելի արարածի. ծերունիները դատապարտում ու հայհոյում էին, երիտասարդները նույնիսկ ծիծաղում, կանայք հայհոյում էին նրան, նախատում, այնպիսի արհամարհանքով էին նայում, ինչպես մի սարդի նայելիս լինեին։ Մայրն այդ ամենը թույլ տվեց, ինքն էլ նստել էր այդտեղ, գլուխն էր օրորում ու հավանություն տալիս։ Մայրն այդ ժամանակ արդեն շատ հիվանդ էր և գրեթե մեռնում էր, երկու ամիս անց նա իրոք մեռավ. նա գիտեր, որ մեռնում է, բայց, համենայն դեպս, մինչև մահը չմտածեց աղջկա հետ հաշտվել, նույնիսկ նրա հետ մի բառ չէր փոխանակում, քշում էր հաշտը քնելու, նույնիսկ համարյա չէր կերակրում։ Պետք էր, որ պառավը հաճախակի իր հիվանդ ոտները տաք ջրի մեջ դներ։ Մարին ամեն օր լվանում էր նրա ոտները և խնամում էր նրան. մայրը լուռ ընդունում էր այդ բոլոր ծառայությունները, և նրան ոչ մի փաղաքշական խոսք չասաց։ Մարին ամեն ինչ տանում էր, և հետո, երբ ես ծանոթացա նրա հետ, նկատեցի, որ նա ինքն էլ այդ ամենին հավանություն է տալիս և ինքն էլ իրեն համարում է մի ամենավերջին արարած։ Երբ պառավը բոլորովին անկողին ընկավ, սկսեցին նրան խնամելու գալ գյուղի պառավները, հերթով․ այդտեղ այդպիսի կարգ կա։ Այդ ժամանակ արդեն բոլորովին դադարեցին Մարիին կերակրելուց. իսկ գյուղում բոլորը նրան վռնդում էին և ոչ ոք չէր ուզում նույնիսկ առաջվա պես աշխատանք տալ։ Բոլորը կարծես թքում էին նրա վրա, իսկ տղամարդիկ դադարեցին նույնիսկ նրան կին համարելուց, շարունակ այնպիսի նողկալի բաներ էին ասում նրան։ Երբեմն, շատ հազվադեպ, երբ կիրակի օրերը խմում հարբում էին, ծաղրի համար նրան կոպեկներ էին շպրտում, այնպես, ուղղակի գետնին. Մարին լուռ բարձրացնում էր։ Նա դեռ այն ժամանակ սկսեց արյուն հազալ։ Վերջապես նրա ցնցոտիները բոլորովին գջլտվեցին, այնպես որ ամոթ էր գյուղում երեվալ. իսկ վերադարձի օրվանից բոբիկ էր ման գալիս։ Ահա հենց այս ժամանակ, հատկապես երեխաները, ամբողջ խմբով,— քառասունից ավելի դպրոցականներ էին դրանք,― սկսեցին ձեռ առնել նրան, գրգռել և նույնիսկ ցեխ շպրտել վրան։ Նա հովվին խնդրեց, որ թույլ տա կովերին նայել, բայց հովիվը նրան վռնդեց։ Այն Ժամանակ նա ինքը՝ առանց թույլտվության, սկսեց նախիրի հետ ամբողջ օրով հեռանալ տնից։ Քանի որ նա հովվին շատ օգուտ էր տալիս, և հովիվը դա նկատեց, այլևս չէր քշում նրան և նույնիսկ երբեմն իր ճաշի մնացորդը՝ հաց ու պանիր, տալիս էր նրան։ Նա համարում էր, որ դա մեծ ողորմածություն է իր կողմից, իսկ երբ մայրը մեռավ, ապա պաստորը չամաչեց եկեղեցում բոլորի առաջ խայտառակել Մարիին։ Մարին կանգնել էր դագաղի հետև, ինչպես կար, իր ցնցոտիներով, և լալիս էր։ Շատ ժողովուրդ էր հավաքվել դիտելու, թե նա ինչպես է լաց լինելու և դագաղի հետևից գնալու. այն ժամանակ պաստորը,― նա դեռ երիտասարդ մարդ էր, և նրա ամբողջ պատվախնդրությունը մեծ քարոզիչ դառնալն էր,— դարձավ բոլորին ու ցույց տվեց Մարիին․ «Ահա թե ով էր այս հարգարժան կնոջ մահվան պատճառը» (և ճիշտ չէ, որովհետև պառավն արդեն երկու տարի է, ինչ հիվանդ էր), «ահա նա կանգնել է ձեր առաջ և չի համարձակվում աչքը բարձրացնել, որովհետև նրան նշել է աստծու մատը. ահա նա բոկոտն է ու ցնցոտիապատ, որպես օրինակ նրանց, ովքեր կորցնում են առաքինությունը։ Ո՞վ է սա։ Սա նրա դուստրն է», և ամբողջ այս ոգով։ Եվ պատկերացրեք, այդ ստորությունը գրեթե նրանց բոլորին դուր եկավ, բայց... այստեղ մի առանձին պատմություն ստացվեց. այստեղ պաշտպան կանգնեցին երեխաները, որովհետև այդ ժամանակ արդեն բոլոր երեխաներն իմ կողմն էին և սկսել էին սիրել Մարիին։
 +
 +
Դա ահա թե ինչպես եղավ. ես ուզեցա որևէ բան անել Մարիի համար. շատ հարկավոր էր փող տալ նրան, բայց այնտեղ ես երբեք ոչ մի կոպեկ փող չէի ունենում։ Ես մի ադամանդե քորոց ունեի և դա վաճառեցի մի վերագնորդի. սա գյուղից գյուղ ման էր գալիս և հին զգեստի առևտուր էր անում։ Նա ինձ ութ ֆրանկ տվեց, մինչդեռ քորոցը հաստատ քառասուն արժեր։ Ես երկար ժամանակ ջանում էի Մարիին հանդիպել մենակ, վերջապես մենք հանդիպեցինք գյուղից դուրս՝ ցանկապատի մոտ, դեպի սարը տանող զարտուղի արահետի մոտ բուսած ծառի հետև։ Այստեղ ես նրան տվի ութ ֆրանկը և նրան ասացի, որ լավ պահի, որովհետև ես ուրիշ փող չեմ ունենա, իսկ հետո համբուրեցի նրան ու ասացի, որ նա չկարծի, թե ես որևէ վատ մտադրություն ունեմ, և որ նրան համբուրում եմ ոչ նրա համար, որ սիրահարված եմ իրեն, այլ նրա համար, որ շատ եմ խղճում և որ սկզբից ևեթ նրան ամենևին մեղավոր չեմ համարել, այլ համարել եմ միայն դժբախտ։ Ես շատ էի ուզում տեղնուտեղը և մխիթարել, և համոզել նրան, որ նա չպետք է բոլորի առաջ իրեն այդպես ստոր համարի, բայց նա, կարծեմ, չհասկացավ։ Ես դա իսկույն նկատեցի, թեև նա գրեթե ամբողջ ժամանակ լուռ էր և իմ առաջ կանգնել էր աչքերը ցած գցած և խիստ ամաչելով։ Երբ ես վերջացրի, նա ձեռքս համբուրեց և, ես անմիջապես բռնեցի նրա ձեռքը և ուզում էի համբուրել, բայց Մարին շտապով իր ձեռքը կորզեց, հանկարծ այդ ժամանակ մեզ լրտեսեցին երեխաները, մի ամբողջ բազմություն. ես հետո իմացա, որ նրանք վաղուց էին ծածուկ ինձ հետևում։ Նրանք սկսեցին սուլել, ծափ զարկել ու ծիծաղել, իսկ Մարին տեղից պոկվեց ու փախավ։ Ես ուզեցի խոսել, բայց երեխաներն սկսեցին քարեր շպրտել վրաս։ Նույն օրը բոլորն իմացան, ամբողջ գյուղը, բոլորը նորից թափվեցին Մարիի վրա, սկսեցին է՛լ ավելի չսիրել նրան։ Նույնիսկ լսեցի, որ ուզեցել են պատժի դատապարտել նրան, բայց, փառք աստծու, առանց դրան անցավ, բայց երեխաներն արդեն հանգիստ չէին տալիս նրան, առաջվանից ավելի ձեռ էին առնում, գրգռում, ցեխ շպրտում վրան, քշում են նրան, Մարին նրանցից փախչում, վազում է իր հիվանդ կրծքով, շնչահեղձ է լինում, երեխաներն ընկնում են նրա հետևից, բղավում են, հայհոյում։ Մի անգամ նույնիսկ ես կռվի նետվեցի նրանց դեմ։ Հետո սկսեցի խոսել նրանց հետ, խոսում էի ամեն օր, հենց որ կարողանում էի։ Նրանք երբեմն կանգնում և ականջ էին դնում, թեև դեռ շարունակում էին հայհոյել։ Ես նրանց պատմեցի, թե որքան դժբախտ է Մարին. շուտով նրանք դադարեցին հայհոյելուց և լուռ հեռանում էին։ Կամաց֊կամաց մենք սկսեցինք զրուցել, ես նրանցից ոչինչ չէի թաքցնում. ես նրանց ամեն ինչ պատմեցի։ Նրանք լսում էին շատ հետաքրքրված և շուտով սկսեցին խղճալ Մարիին։ Ոմանք, նրան հանդիպելիս, սկսեցին սիրալիր բարև տալ. այնտեղ սովորություն կա, իրար հանդիպելիս, ծանոթ թե անծանոթ, գլուխ տալ և ասել. «Բարև ձեզ»։ Պատկերացնում եմ, թե ինչպես էր զարմանում Մարին։ Մի անգամ երկու աղջիկ ուտելիք ճարեցին, տարան տվին Մարիին, եկան և ասացին ինձ։ Նրանք ասացին, որ Մարին լաց եղավ և որ հիմա իրենք նրան շատ են սիրում։ Շուտով բոլորն էլ սկսեցին սիրել նրան, միաժամանակ հանկարծ սկսեցին նաև ինձ սիրել։ Նրանք սկսեցին հաճախակի գալ ինձ մոտ և բոլորը խնդրում էին, որ նրանց բան պատմեմ։ Ինձ թվում է, լավ էի պատմում, որովհետև նրանք շատ էին սիրում ինձ ունկնդրել։ Իսկ հետագայում ես և՛ սովորում, և շարունակ կարդում էի միայն նրա համար, որպեսզի հետո նրանց պատմեի և հետո ամբողջ երեք տարի ես նրանց պատմում էի։ Երբ հետո բոլորն ինձ մեղադրում էին,— Շնեյդերը նույնպես,— թե ինչու եմ նրանց հետ խոսում ինչպես մեծերի հետ և նրանցից ոչինչ չեմ թաքցնում, ես նրանց պատասխանում էի, որ ամոթ բան է նրանց խաբելը, որ առանց այդ էլ նրանք ամեն ինչ գիտեն, որքան էլ նրանցից թաքցնես և կիմանան, թերևս, գարշելի ձևով, իսկ ինձնից գարշելի ձևով չեն իմանա։ Բավական էր, որ ամեն մեկը հիշեր, թե ինչպես ինքը երեխա էր եղել։ Նրանք համաձայն չէին... Ես Մարիին համբուրեցի նրա մոր մահվանից դեռ երկու շաբաթ առաջ. իսկ երբ պաստորը քարոզ էր կարդում, բոլոր երեխաներն արդեն իմ կողմն էին։ Ես նրանց անմիջապես պատմեցի ու բացատրեցի պաստորի արարքը. բոլորը բարկացան նրա վրա, իսկ մի քանիսն այն աստիճան, որ քարերով լուսամուտների ապակիները ջարդեցին։ Ես նրանց ետ պահեցի, որովհետև դա արդեն վատ բան էր, բայց անմիջապես գյուղում բոլորն ամեն ինչ իմացան և ահա այդտեղ էլ սկսեցին ինձ մեղադրել, որ ես երեխաներին փչացրել եմ։ Հետո բոլորն իմացան, որ երեխաները Մարիին սիրում են, և սաստիկ վախեցան. բայց Մարին արդեն երջանիկ էր։ Երեխաներին արգելեցին նույնիսկ հանդիպել նրան, բայց նրանք ծածուկ վազ էին տալիս նրա մոտ՝ նախիր, բավական հեռու, գյուղից կես վերստ այն կողմ, նրանք քաղցրեղեն էին տանում, իսկ ոմանք վազ էին տալիս ուղղակի նրա համար, որ փարվեին նրան, համբուրեին ու ասեին. «Je vous aime, Marie»<ref>Ես ձեզ սիրում եմ, Մարի (ֆրանս․)։</ref>.— և ապա արագ ետ փախչեին։ Մարին քիչ մնաց խելքը թռցներ այդպիսի անակնկալ երջանկությունից. նա նույնիսկ չէր երազել այդ մասին, նա ամաչում և ուրախանում էր, իսկ գլխավորը՝ երեխաները, հատկապես աղջիկները, ուզում էին վազ տալ նրա մոտ, որ ասեին, թե ես նրան սիրում եմ և նրա մասին իրենց շատ բան եմ ասում։ Նրանք Մարիին պատմեցին, որ այդ ես եմ ամեն ինչ ասել նրանց և որ հիմա նրանք Մարիին սիրում ու խղճում են, և միշտ այդպես կլինի։ Հետո վազ էին տալիս ինձ մոտ և այնպիսի ուրախ, տակն ու վրա եղած դեմքերով հայտնում, որ հիմա տեսել են Մարիին և որ Մարին ինձ բարևում է։ Իրիկունները ես գնում էի ջրվեժի մոտ. այնտեղ գյուղի կողմից բոլորովին ծածկված մի տեղ կար և շուրջը բարդիներ էին բուսնում. հենց այդտեղ, ինձ մոտ էին հավաքվում նրանք իրիկունները, ոմանք նույնիսկ ծածուկ։ Ինձ թվում է, նրանց համար չտեսնված հաճույք էր իմ սերը դեպի Մարին, և ահա իմ այնտեղի ամբողջ կյանքում միայն դրանում խաբեցի նրանց։ Ես նրանց կարծիքը չփոխեցի, որ բնավ չեմ սիրում Մարիին, այսինքն՝ սիրահարված չեմ նրան, որ միայն սաստիկ խղճում եմ նրան, ամեն ինչից տեսնում էի, որ նրանք ավելի շատ ուզում են, որ այնպես լինի, ինչպես իրենք պատկերացրել ու որոշել են իրենց մեջ, ուստի լռում և այնպես էի ձևացնում, թե նրանք կռահել են։ Եվ որ աստիճան նրբանկատ ու քնքուշ էին այդ փոքրիկ սրտերը, նրանց, ի միջի այլոց, անհնար թվաց, որ բարի Léon֊ն այդպես սիրում է Մարիին, իսկ Մարին այդպես վատ է հագնված և առանց կոշիկների է։ Պատկերացրեք, նրանք թե կոշիկ, թե գուլպա, թե սպիտակեղեն, թե նույնիսկ ինչ֊որ զգեստ ճարեցին նրա համար. ինչպես կարողացան գլուխ բերել՝ չեմ հասկանում, ամբողջ խմբով էին աշխատել։ Երբ նրանց հարցուփորձ էի անում, նրանք զվարթ ծիծաղում էին, իսկ աղջիկները ծափ էին զարկում և համբուրում էին ինձ։ Ես երբեմն նույնպես սուսիկ֊փուսիկ գնում էի Մարիի հետ տեսնվելու, նրա առողջությունն արդեն շատ էր վատացել և նա հազիվ էր ման գալիս, վերջապես բոլորովին դադարեց հովվին ծառայել, բայց և այնպես ամեն առավոտ նախրի հետ գյուղից գնում էր։ Նա նստում էր մեկուսի, այնտեղ գրեթե ուղիղ, ուղղաբերձ մի ժայռի ցցվածք կար, նա նստում էր բոլորի աչքից թաքուն անկյունում, քարի վրա և համարյա անշարժ նստած էր մնում ամբողջ օրը, առավոտվանից մինչև այն ժամը, երբ նախիրը վերադառնում էր։ Նա թոքախտից արդեն այնքան էր թուլացել, որ մեծ մասամբ նստում էր փակ աչքերով, գլուխը ժայռին հենած և ծանր շնչելով նիրհում էր, նրա դեմքը կմախքի պես նիհարել էր, և ճակատին ու քունքերին քրտինք էր դուրս տալիս։ Միշտ այդպես էի գտնում նրան։ Ես գալիս էի մի րոպեով և ես էլ չէի ուզում, որ ինձ տեսնեին։ Հենց որ գալիս էի, Մարին անմիջապես ցնցվում էր, աչքերը բաց անում և նետվում էր ձեռքերս համբուրելու։ Այլևս չէի փախցնում ձեռքերս, որովհետև նրա համար դա երջանկություն էր. ամբողջ ժամանակ, քանի նստած էի, նա դողում ու լալիս էր, ճիշտ է, մի քանի անգամ նա փորձ էր անում խոսել, բայց դժվար էր նրան հասկանալ։ Նա խելագարի պես էր լինում, սարսափելի հուզմունքի ու ցնծության մեջ։ Երբեմն երեխաները գալիս էին ինձ հետ։ Այդ դեպքում նրանք սովորաբար կանգնում էին քիչ հեռվում և սկսում էին մեզ պահակություն անել, չգիտես ինչից և ումից զգուշանալով, և դա նրանց համար անասելի հաճելի էր։ Երբ մենք հեռանում էինք, Մարին դարձյալ մենակ էր մնում, առաջվա պես անշարժ, աչքերը փակ և գլուխը ժայռին հենած. գուցե նա որևէ բանի մասին անրջում էր։ Մի առավոտ նա արդեն չէր կարող նախրի հետ դուրս գալ և մնաց իր ամայի տանը։ Երեխաներն անմիջապես իմացան և համարյա բոլորը նրան այցելության գնացին այդ օրը․ նա պառկած էր իր անկողնում մեն֊մենակ։ Երկու օր նրան խնամում էին միայն երեխաները, հերթով վազ տալով նրա մոտ, բայց հետո, երբ գյուղում իմացան, որ Մարին արդեն իսկապես մեռնում է, սկսեցին գյուղի պառավները գնալ, նստել և հերթապահել նրա մոտ։ Գյուղում, կարծես, սկսեցին խղճալ Մարիին, համենայն դեպս երեխաներին արդեն ետ չէին պահում և առաջվա պես չէին բարկանում։ Մարին ամբողջ ժամանակ նիրհի մեջ էր, նրա քունն անհանգիստ էր, սարսափելի հազում էր։ Պառավները երեխաներին հեռու էին քշում, բայց նրանք վազում էին լուսամուտի տակ, երբեմն միայն մի րոպեով, որպեսզի միայն ասեն. «Bonjour, notre bonne Marie!»<ref>Բարև, մեր բարի Մարի (ֆրանս.)։</ref>, իսկ Մարին, հենց տեսնում էր կամ լսում նրանց ձայնը, ամբողջովին զվարթանում էր և իսկույն, ականջ չանելով պառավներին, ճգնում էր արմունկին հենվել, գլխով էր անում նրանց, շնորհակալություն հայտնում։ Նրանք առաջվա պես քաղցրեղեն էին բերում նրան, բայց Մարին համարյա ոչինչ չէր ուտում։ Երեխաների շնորհիվ, հավատացնում եմ ձեզ, նա մեռավ գրեթե երջանիկ։ Նրանց շնորհիվ նա մոռացավ իր սև թշվառությունը, կարծես ներումն ստացավ նրանցից, որովհետև մինչև վերջ իրեն համարում էր մեծ հանցագործուհի։ Երեխաները թռչնակների պես թևիկներով բախում էին նրա լուսամուտները և ամեն առավոտ կանչում. «Nous t’aimons, Marie!»<ref>Մենք քեզ սիրում ենք, Մարի (ֆրանս.)։</ref>։ Նա շատ շուտով մեռավ։ Ես կարծում էի, նա շատ ավելի երկար կապրի։ Նրա մահվան նախօրեին, մայրամուտից առաջ, ես մտա նրա մոտ, կարծես նա ինձ ճանաչեց, և ես վերջին անգամ սեղմեցի նրա ձեռքը. ինչպե՜ս էր չորացել նրա ձեռքը։ Իսկ առավոտյան հանկարծ գալիս են ինձ մոտ և ասում, որ Մարին մեռել է։ Այստեղ երեխաներին ուղղակի զսպել չէր լինում, նրանք Մարիի դագաղն ամբողջովին զարդարեցին ծաղիկներով և գլխին ծաղկեպսակ գրին։ Պաստորը եկեղեցում արդեն չէր անպատվում մեռածին, ասենք, թաղմանն էլ շատ քիչ մարդ կար, այնպես, միայն հետաքրքրությունից դրդված եկել էին մի քանի հոգի, բայց երբ պետք էր դագաղը տանել, երեխաները բոլորը միանգամից նետվեցին, որպեսզի իրենք տանեն։ Քանի որ նրանք չէին կարող տանել, օգնում էին, բոլորը վազում էին դագաղի հետևից և բոլորը լաց էին լինում։ Այն ժամանակից ի վեր երեխաները մեծարում էին Մարիի գերեզմանը. ամեն տարի նրանք գերեզմանը զարդարում էին ծաղիկներով, շուրջը վարդեր էին տնկել։ Բայց հենց այդ թաղումից էլ երեխաների պատճառով սկսվեց ամբողջ գյուղի հալածանքը՝ ուղղված իմ դեմ։ Գլխավոր հեղինակները պաստորն ու դպրոցի ուսուցիչն էին։ Երեխաներին վճռականորեն արգելեցին նույնիսկ հանդիպել ինձ հետ, իսկ Շնեյդերը նույնիսկ պարտավորվեց հետևել դրան։ Բայց և այնպես մենք տեսնվում էինք, հեռվից նշանացի բացատրվում։ Նրանք ինձ ուղարկում էին իրենց փոքրիկ տոմսակները։ Հետագայում այդ բոլորը կարգավորվեց, բայց այն ժամ անակ շատ լավ էր. այդ հալածանքի պատճառով ես նույնիսկ ավելի սերտ մտերմացա երեխաների հետ։ Վերջին տարին ես նույնիսկ հաշտվեցի Տիբոյի և պաստորի հետ։ Իսկ Շնեյդերը ինձ շատ էր ասում ու հետս վիճում երեխաների հետ վարվելու իմ վնասակար «սիստեմի» մասին։ Ես ի՞նչ սիստեմ ունեմ որ։ Վերջապես, Շնեյդերը ինձ հայտնեց իր մի շատ տարօրինակ միտքը, դա արդեն իմ այնտեղից մեկնելուց անմիջապես առաջ էր. նա ինձ ասաց, որ ինքը լիովին համոզվեց, որ ես ինքս կատարյալ մանուկ եմ, այսինքն՝ լիովին մանուկ, որ ես միայն հասակով ու դեմքով եմ նման մեծի, բայց որ զարգացմամբ, հոգով, բնավորությամբ և, կարող է պատահել, նույնիսկ խելքով ես չափահաս չեմ, և այդպես էլ կմնամ, թեկուզ մինչև վաթսուն տարի ապրելու լինեմ։ Ես շատ էի ծիծաղում. նա, իհարկե, իրավացի չէ, որովհետև ես ի՞նչ փոքր եմ։ Բայց միայն մի բան ճիշտ է, ես իրոք էլ չեմ սիրում մեծերի, չափահաս մարդկանց հետ լինել, և դա ես վաղուց եմ նկատել, չեմ սիրում, որովհետև չեմ կարող։ Ինչ էլ խոսեն նրանք ինձ հետ, որքան էլ բարի լինեն իմ նկատմամբ, այնուամենայնիվ չգիտես ինչու միշտ ինձ համար ծանր է նրանց հետ, և ես սաստիկ ուրախ եմ, երբ կարող եմ շուտով գնալ ընկերներիս մոտ, իսկ իմ ընկերները միշտ երեխաներ են եղել, բայց ոչ նրա համար, որ ես ինքս երեխա էի, այլ ուղղակի նրա համար, որ միշտ երեխաներն ինձ ձգում էին։ Գյուղում ապրելու սկզբնական շրջանում,— այ այն ժամանակ, երբ գնում էի լեռները միայնակ թախծելու,— երբ ես միայնակ թափառելիս, երբեմն սկսեցի հանդիպել, հատկապես կեսօրին, երբ դպրոցից արձակում էին, իրենց տոպրակներն ու քարետախտակները ձեռներին, ճիչերով, ծիծաղով, խաղերով դուրս վազող այդ ամբողջ աղմկոտ խմբին, ապա իմ ողջ հոգին հանկարծ սկսում էր ձգտել դեպի նրանք։ Չգիտեմ, բայց ես սկսեցի չափազանց ուժեղ ու երջանիկ զգացում ունենալ ամեն անգամ նրանց հանդիպելիս։ Ես կանգ էի առնում և երջանկությունից ծիծաղում էի, նայելով նրանց փոքրիկ, փայլկտող և շարունակ վազող տոտիկներին, միասին վազող տղաներին ու աղջիկներին, նրանց ծիծաղին ու արցունքներին (որովհետև շատերն արդեն հասցրած էին լինում կռվել, լաց լինել, նորից հաշտվել ու խաղալ, մինչև դպրոցից տուն էին հասնում), այն ժամանակ ես մոռանում էի իմ ողջ թախիծը։ Իսկ հետո, բոլոր այդ երեք տարիներին, ես նույնիսկ հասկանալ չէի կարող, թե ինչպես են թախծում և ինչու են թախծում մարդիկ։ Ողջ կյանքս կապել էի նրանց հետ։ Ես երբեք չէի մտածում գյուղը թողնել, և մտքովս անգամ չէր անցնում, որ երբև կգամ այստեղ՝ Ռուսաստան։ Ինձ թվում էր, որ շարունակ այնտեղ կլինեմ, բայց վերջապես տեսա, որ Շնեյդերը չի կարող ինձ պահել, իսկ այստեղ վրա հասավ, թվում է, այն աստիճան կարևոր մի գործ, որ Շնեյդերն ինքը շտապեցրեց որ գամ, և իմ փոխարեն պատասխան ուղարկեց այստեղ։ Կտեսնեմ, թե դա ինչ բան է և որևէ մեկի հետ կխորհրդակցեմ։ Գուցե իմ վիճակը բոլորովին կփոխվի, բայց այդ բոլորը այն չի և գլխավորը չի։ Գլխավորն այն է, որ արդեն փոխվել է իմ ողջ կյանքը։ ես այնտեղ շատ բան թողի, չափազանց շատ։ Ամեն ինչ չքացավ։ Ես նստել էի վագոնում և մտածում էի. «Հիմա ես գնում եմ մարդկանց մոտ. գուցե ես ոչինչ չգիտեմ, բայց սկսվել է մի նոր կյանք»։ Ես որոշել եմ իմ գործը կատարել ազնվորեն ու հաստատակամ։ Թերևս մարդկանց հետ ինձ համար ձանձրալի ու ծանր կլինի։ Որոշել եմ բոլորի հետ նախապես քաղաքավարի ու անկեղծ լինել․ չէ՞ որ ոչ ոք ավելին չի պահանջի ինձնից։ Կարող է պատահել, այստեղ էլ ինձ երեխայի տեղ դնեն, է՛, թո՛ղ։ Չգիտեմ ինչու բոլորը ինձ նաև ապուշի տեղ են դնում․ ես, իրոք, մի ժամանակ այնպես հիվանդ էի, որ այն ժամանակ նման էի ապուշի, բայց հիմա ես ի՞նչ ապուշ եմ, երբ հասկանում եմ, որ ինձ ապուշի տեղ են դնում։ Ես ներս եմ մտնում և մտածում եմ. «Ահա ինձ ապուշի տեղ են դնում, բայց և այնպես ես խելացի եմ, իսկ նրանք գլխի էլ չեն ընկնում...»։ Հաճախ է դա իմ մտքովն անցնում։ Երբ Բեռլինում այնտեղից մի քանի փոքրիկ նամակ ստացա, որ երեխաներն արդեն հասցրել էին ինձ գրել, ապա այստեղ միայն հասկացա, թե ինչպես էի սիրում նրանց։ Շատ ծանր բան է առաջին նամակն ստանալը։ Ինչպե՜ս էին թախծում նրանք, երբ ինձ ճանապարհ էին դնում։ Դեռ մի ամիս առաջ էին սկսել ճանապարհ դնել. «Léon s’en va, Léon s’en va pour toujours!»<ref>Լեոնը մեկնում է, Լեոնը մեկնում է ընդմիշտ (ֆրանս․)։</ref>։ Մենք առաջվա պես ամեն իրիկուն հավաքվում էինք ջրվեժի մոտ և շարունակ խոսում էինք այն մասին, թե ինչպես, ենք բաժանվելու։ Երթեմն նույնքան ուրախ էր լինում, ինչպես և առաջ, միայն, երբ ցրվում էին քնելու, նրանք սկսել էին պինդ ու ջերմորեն փարվել ինձ, մի բան, որ առաջ չէին անում։ Ոմանք բոլորից թաքուն վազ էին տալիս ինձ մոտ, մեկիկ֊մեկիկ, միայն նրա համար, որպեսզի ինձ փարվեն ու համբուրեն մենակ, ոչ բոլորի ներկայությամբ։ Երբ ես արդեն ճանապարհ ելա, բոլորը, ամբողջ խմբով ուղեկցում էին ինձ մինչև կայարան։ Երկաթուղու կայարանը մեր գյուղից մոտավորապես մի վերստ հեռու էր։ Նրանք զսպում էին իրենց, որ լաց չլինեն, բայց շատերը չէին կարող և լալիս էին բարձրաձայն, հատկապես աղջիկները։ Մենք շտապում էինք, որպեսզի չուշանանք, բայց հանկարծ ճանապարհի մեջտեղը նրանցից մեկն ու մեկը նետվում էր դեպի ինձ, գրկում էր ինձ իր փոքրիկ թաթիկներով ու համբուրում, միայն դրա համար կանգնեցնելով ամբողջ բազմությունը. իսկ մենք, թեև շտապում էինք, բայց բոլորս կանգ էինք առնում և սպասում, մինչև նա հրաժեշտ կտար։ Երբ ես վագոն նստեցի, ու գնացքը շարժվեց, նրանք բոլորը ինձ «ուռա» բղավեցին և երկար կանգնած էին տեղում, մինչև գնացքը բոլորովին հեռացավ։ Ես ևս նայում էի... Լսեցեք, երբ ես քիչ առաջ մտա այստեղ և նայեցի ձեր համակրելի դեմքերին,— ես հիմա շատ եմ զննում դեմքերը,— և լսեցի ձեր առաջին բառերը, ապա այն ժամանակվանից ի վեր առաջին անգամ սիրտս թեթևացավ։ Ես այն ժամանակ մտածեցի, թե գուցե իսկապես էլ ես երջանիկներից եմ, ախր ես գիտեմ, որ այնպիսի մարդկանց, որոնց մարդ անմիջապես կսիրի, շուտ չի հանդիպում, իսկ ես ձեզ հանդիպեցի անմիջապես, հենց որ վագոնից իջա։ Ես շատ լավ գիտեմ, որ ամոթ է բոլորին ասել իր զգացմունքների մասին, բայց ահա ձեզ ասում եմ և ձեզանից չեմ ամաչում։ Միայն սա մի ընդունեք որպես վատ միտք, ես նրա համար չասացի, որ ձեզ չեմ գնահատում, և մի կարծեք նաև, թե ես որևէ բանի համար վիրավորվեցի։ Դուք ինձ հարցնում էիք ձեր դեմքերի մասին և այն, թե ես ինչ նկատեցի դրանցում։ Մեծ բավականությամբ ձեզ կասեմ այդ։ Ձեր դեմքը, Ադելաիդա իվանովնա, երջանիկ է, բոլոր երեք դեմքերից ամենահամակրելին։ Բացի այն, որ դուք շատ լավիկն եք, մարդ ձեզ վրա նայում ու ասում է. «Նրա դեմքը բարի քրոջ դեմքի է նման»։ Դուք մոտենում եք պարզ ու զվարթ, բայց և կարողանում եք մարդու սիրտը արագ ճանաչել։ Ահա այդպես է թվում ինձ ձեր դեմքը։ Ձեր դեմքը, Ալեքսանդրա Իվանովնա, նույնպես սքանչելի և շատ հաճելի է, բայց, կարող է պատահել, դուք մի թաքուն թախիծ ունեք. ձեր հոգին, անկասկած, շատ բարի է, բայց դուք ուրախ չեք։ Ձեր դեմքին մի առանձնահատուկ երանգ կա, որ նման է Հոլբեյնի գրեզդենյան Մադոննային։ Ահա և ձեր դեմքի մասին. լա՞վ գուշակող եմ։ Դուք ինքներդ եք ինձ գուշակողի տեղ դնում։ Բայց ձեր դեմքի մասին, Լիզավետա Պրոկոֆևնա,— դարձավ նա հանկարծ գեներալի կնոջը,— ձեր գեմքի մասին արդեն ոչ թե ինձ թվում է, այլ ուղղակի համոզված եմ, որ դուք կատարյալ մանուկ եք ամեն, ամեն, ամեն ինչում, թե լավի, թե վատի մեջ, չնայած որ այդ տարիքումն եք։ Դուք, իհարկե, ինձ վրա չե՞ք բարկանում, որ այսպես եմ ասում։ Չէ՞ որ դուք գիտեք, թե երեխաներին ես ինչ եմ համարում։ Եվ մի կարծեք, թե ես պարզամտությունից էի այդպես անկեղծորեն ամեն ինչ ասում ձեր դեմքերի մասին, օ, ո՜չ, բոլորովին ոչ։ Գուցե ես էլ իմ միտքն ունեի։
 +
 +
 +
===VII===
 +
 +
Երբ իշխանը լռեց, բոլորը նրան նայում էին զվարթ, նույնիսկ Ագլայան, բայց առանձնսհպես Լիզավետա Պրոկոֆևնան։
 +
 +
― Ահա և քննեցի՜նք,— բացականչեց նա։— Հը՛, ողորմած տիրուհիներ, կարծում էիք, թե դուք պիտի հովանավորեիք նրան ինչպես խղճուկի, իսկ նա ինքը հազիվ արժանացրեց ձեզ ընտրելու, այն էլ վերապահումով, որ միայն հազվադեպ է այցելելու։ Եվ ահա մենք ենք հիմարի վիճակում, իսկ ամենից ավելի Իվան Ֆյոդորովիչը, և ես ուրախ եմ։ Բրա՛վո, իշխան․ քիչ առաջ պատվիրեցին ձեզ քննել։ Իսկ ինչ որ իմ դեմքի մասին ասացիք, կատարյալ ճշմարտություն է, ես մանուկ եմ և գիտեմ այդ։ Ես դեռ ձեզանից առաջ էլ գիտեի այդ մասին, դուք հենց արտահայտեցիք իմ միտքը մի խոսքով։ Ձեր բնավորությունը ես գտնում եմ, որ միանգամայն իմին նման է, ինչպես ջրի երկու կաթիլը, և շատ ուրախ եմ։ Միայն դուք տղամարդ եք, իսկ ես կին և Շվեյցարիայում չեմ եղել․ ահա և ամբողջ տարբերությունը։
 +
 +
— Մի՛ շտապեք, maman,— բացականչեց Ագլայան,— իշխանն ասում է, որ իր բոլոր խոստովանությունների մեջ հատուկ միտք ուներ և զուր տեղը չէր խոսում։
 +
 +
— Այո, այո,— ծիծաղում էին մյուսները։
 +
 +
— Ձեռ մի առեք, սիրելիներս, նա դեռ, կարող է պատահել, ավելի խորամանկ է, քան երեքդ միասին։ Կտեսնեք։ Միայն թե, իշխան, այդ ինչո՞ւ Ագլայայի մասին ոչինչ չասացիք։ Ագլայան սպասում է, ես էլ եմ սպասում։
 +
 +
— Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել, հետո կասեմ։
 +
 +
— Ինչո՞ւ։ Կարծես, ուշագրա՞վ է։
 +
 +
— Օ, այո, ուշագրավ է. դուք արտակարգ գեղեցկուհի եք, Ագլայա Իվանովնա։ Դուք այնպես գեղեցիկ եք, որ մարդ վախենում է ձեզ նայել։
 +
 +
— Եվ միա՞յն։ Իսկ հատկություննե՞րը,— պնդում էր գեներալի կինը։
 +
 +
— Գեղեցկությունը դժվար է դատել, ես դեռ չեմ նախապատրաստվել։ Գեղեցկությունը հանելուկ է։
 +
 +
— Դա նշանակում է, որ դուք Ագլայային հանելուկ առաջարկեցիք,— ասաց Ադելաիդան,― հապա հանիր, Ագլայա։ Իսկ նա գեղեցի՞կ է, իշխան, գեղեցի՞կ է։
 +
 +
— Արտակարգ,— եռանդով պատասխանեց իշխանը, հափշտակությամբ նայելով Ագլայային,— գրեթե ինչպես Նաստասյա Ֆիլիպովնան, չնայած բոլորովին ուրիշ դեմք է․․․
 +
 +
Բոլորը զարմացած իրար նայեցին։
 +
 +
— Ինչպես ո-ոո՞վ,— ծոր տվեց գեներալի կինը,— ինչպես Նաստասյա Ֆիլի՞պովնան։ Դուք որտե՞ղ եք տեսել Նաստասյա Ֆիլիպովնային։ Ի՞նչ Նաստասյա Ֆիլիպովնա։
 +
 +
— Քիչ առաջ Գավրիլա Արդալիոնովիչը Իվան Ֆյոդորովիչին ցույց տվեց նրա պատկերը։
 +
 +
— Ինչպե՞ս, պատկերը բերել էր Իվան Ֆյոդորովիչի՞ն։
 +
 +
— Ցույց տալու։ Նաստասյա Ֆիլիպովնան այսօր իր պատկերը նվիրել էր Գավրիլա Արդալիոնովիչին, իսկ սա բերել էր ցույց տալու։
 +
 +
— Ես ուզում եմ տեսնել,— վրա ընկավ գեներալի կինր,— ո՞ւր է այդ պատկերը։ Եթե նրան է նվիրել, ուրեմն նրա մոտ էլ պետք է լինի, իսկ նա, իհարկե, դեռ կաբինետում է։ Չորեքշաբթի օրերը նա միշտ գալիս է աշխատելու և երբեք չորսից շուտ չի գնում։ Անմիջապես կանչել Գավրիլա Արդալիոնովիչին։ Ո՛չ, ես այնքան էլ չեմ մեռնում նրան տեսնելու ցանկությունից։ Շնորհ արեք, իշխան, աղավնյակս, գնացեք կաբինետ, պատկերը նրանից վերցրեք և բերեք այստեղ։ Ասացեք՝ ուզում են տեսնել։ Խնդրում եմ։
 +
 +
— Լավն է, բայց շատ պարզունակ է,― ասաց Ադելաիդան, երբ իշխանը դուրս եկավ։
 +
 +
― Այո, մի տեսակ շատ պարզունակ,― հաստատեց Ալեքսանդրան,— այնպես որ նույնիսկ մի քիչ ծիծաղելի է։
 +
 +
Թե մեկը, թե մյուսը կարծես թե չէին արտահայտում իրենց ամբողջ միտքը։
 +
 +
— Ի դեպ, նա լավ տակից դուրս եկավ մեր դեմքերը նկարագրելիս,— ասաց Ագլայան,― բոլորիս շողոքորթեց, նույնիսկ mainan-ին։
 +
 +
— Մի սրամտիր, խնդրեմ,— բղավեց գեներալի կինը,— ոչ թե նա շողոքորթեց, այլ ես եմ շոյված։
 +
 +
— Դու կարծում ես նա տակից դո՞ւրս էր գալիս,— հարցրեց Ադելաիդան։
 +
 +
— Ինձ թվում է, նա այնքան էլ պարզունակ չէ։
 +
 +
— Դե, սկսե՜ց,— բարկացավ գեներալի կինը.— իսկ իմ կարծիքով դուք նրանից էլ ծիծաղելի եք։ Մի քիչ պարզունակ է, բայց իր բանը լավ գիտե, հասկանալի է, ամենաազնիվ իմաստով։ Բոլորովին, ինչպես ես։
 +
 +
«Իհարկե, շատ վատ է, որ պատկերի մասին խոսք թռցրի,— ինքն իրեն մտմտում էր իշխանը կաբինետ մտնելիս և մի քիչ խղճի խայթ էր զգում։— Բայց․․․ գուցե և լավ արեցի, որ խոսք թռցրի․․․»։ Նրա գլխով սկսում էր մի տարօրինակ միտք անցնել, ի դեպ, դեռևս ոչ այնքան պարզ։
 +
 +
Գավրիլա Արդալիոնովիչը դեռ նստած էր կաբինետում և խորասուզվել էր իր թղթերի մեջ։ Ըստ երևույթին, իրոք նա զուր տեղը չէր ռոճիկ ստանում ակցիոներական ընկերությունից։ Նա սարսափելի շփոթվեց, երբ իշխանը պատկերը խնդրեց և պատմեց, թե այնտեղ ինչպես իմացան պատկերի մասին։
 +
 +
— Է֊է֊է՜խ։ Ձեր ինչի՞ն էր պետք դուրս տալ,— բղավեց նա չար զայրույթով,— դուք ոչինչ չգիտեք... Ապո՛ւշ,— մրթմրթաց նա ինքն իրեն։
 +
 +
— Մեղավոր եմ, ես բոլորովին առանց մտածելու, խոսքը տեղն եկավ՝ ասացի։ Ես ասացի, թե Ագլայան համարյա նույնքան գեղեցիկ է, որքան Նաստասյա Ֆիլիպովնան։
 +
 +
Գանյան խնդրեց ավելի մանրամասն պատմել, իշխանը պատմեց։ Գանյան նորից ծաղրաբար նայեց նրան։
 +
 +
— Կպել եք, պոկ չեք գալիս Նաստասյա Ֆիլիպովնայից...— մրթմրթաց նա, բայց չավարտեց ու մտածմունքի մեջ ընկավ։
 +
 +
Նա նկատելի տագնապի մեջ էր։ Իշխանը հիշեցրեց պատկերի մասին։
 +
 +
— Լսեցեք, իշխան,— հանկարծ ասաց Գանյան, կարծես մի անսպասելի միտք ծագեց նրա գլխում,— ես մի շատ մեծ խնդիրք ունեմ ձեզ... Բայց ես, ճշմարիտ, չգիտեմ...
 +
 +
Նա շփոթվեց ու խոսքը կիսատ թողեց. նա ինչ֊որ վճիռ էր կայացնում և կարծես պայքարում էր ինքն իր դեմ։ Իշխանը լուռ սպասում էր։ Գանյան մի անգամ էլ փորձող, սևեռուն հայացքով զննեց նրան։
 +
 +
— Իշխան, — սկսեց նա նորից,— հիմա այնտեղ ինձ վրա․․․ մի բոլորովին տարօրինակ հանգամանքի շնորհիվ․․․ և ծիծաղելի... և որում ես մեղավոր չեմ... Դե, մի խոսքով սա ավելորդ է,― այնտեղ ինձ վրա կարծես մի քիչ բարկանում են, այնպես որ մի որոշ ժամանակ չեմ ուզում այնտեղ մտնել առանց կանչվելու։ Ինձ սաստիկ պետք է հիմա խոսել Ագլայա Իվանովնայի հետ։ Ես համենայն դեպս գրեցի մի քանի խոսք (նրա ձեռքին հայտնվեց մի փոքրիկ ծալած թուղթ),― և ահա չգիտեմ, թե ինչպես հանձնեմ։ Հանձն չէի՞ք առնի, իշխան, հանձնել Ագլայա Իվանովնային, հիմա, բայց միայն Ագլայա Իվանովնային, այսինքն՝ այնպես, որ ոչ ոք չտեսնի, հասկանո՞ւմ եք։ Սա մի զարմանալի գաղտնիք չէ, այստեղ ոչ մի առանձին բան չկա... բայց... կանե՞ք։
 +
 +
— Դա ինձ այնքան էլ հաճելի չէ,— պատասխանեց իշխանը։
 +
 +
— Ախ, իշխան, դա ինձ ծայրահեղորեն անհրաժեշտ է,— սկսեց խնդրել Գանյան,— նա գուցե կպատասխանի... հավատացեք, որ ես միայն ծայրահեղ, ամենածայրահեղ դեպքում կարող էի դիմել... Հապա ո՞ւմ հետ ուղարկեմ... Սա շատ կարևոր է... Ինձ համար չափազանց կարևոր է...
 +
 +
Գանյան անասելի վախենում էր, որ իշխանը չի համաձայնի, և երկչոտ խնդրանքով նայում էր նրա աչքերին։
 +
 +
— Լավ, կհանձնեմ։
 +
 +
— Բայց այնպես, որ ոչ ոք չնկատի,— աղերսում էր ուրախացած Գանյան,— և ահա թե ինչ, իշխան, ես հույս ունեմ ձեր ազնիվ խոսքին, հը՞։
 +
 +
— Ես ոչ ոքի ցույց չեմ տա,— ասաց իշխանը։
 +
 +
— Տոմսակը կնքած չէ, բայց․․․— բերնից թռցրեց չափազանց իրար անցած Գանյան և շփոթված կանգ առավ։
 +
 +
— Օ, ես չեմ կարդա,— բոլորովին հասարակ պատասխանեց իշխանը, պատկերը վերցրեց ու դուրս եկավ կաբինետից։
 +
 +
Գանյան մենակ մնալով, գլուխը բռնեց։
 +
 +
— Նրա մեկ խոսքը, և ես... և ես, ճշմարիտ, գուցե և խզեմ...
 +
 +
Հուզմունքից ու սպասումից նա այլևս չէր կարող նորից թղթերով զբաղվել և սկսեց կաբինետում թափառել անկյունից անկյուն։
 +
 +
Իշխանը գնում էր մտածմունքի մեջ ընկած. նրան տհաճորեն զարմացրեց հանձնարարությունը, տհաճորեն զարմացրեց նաև այն միտքը, որ Գանյան Ագլայային տոմսակ է գրում։ Բայց հյուրասենյակից երկու սենյակ այն կողմ, նա հանկարծ կանգ առավ, կարծես մի բան հիշեց, շուրջը նայեց, մոտեցավ լուսամուտին և սկսեց դիտել Նաստասյա Ֆիլիպովնայի պատկերը։
 +
 +
Նա կարծես ուզում էր գուշակել այդ դեմքին թաքնված մի բան, որ նրան զարմացրել էր քիչ առաջ։ Քիչ առաջվա տպավորությունը գրեթե հանգիստ չէր տալիս նրան, և հիմա նա շտապում էր կարծես թե ինչ֊որ բան նորից ստուգել։ Իր գեղեցկությամբ և էլի ինչ֊որ բանով արտասովոր այդ դեմքը նրան հիմա ավելի սաստիկ զարմացրեց։ Կարծես թե անընդգրկելի հպարտություն և արհամարհանք, գրեթե ատելություն կար այդ դեմքին, և միևնույն ժամանակ ինչ-որ դյուրահավատ, ինչ-որ զարմանալի պարզասիրտ բան. այդ երկու հակադրությունը նույնիսկ կարծես թե ինչ-որ կարեկցություն էին հարուցում այդ դիմագծերին նայելիս։ Այդ շլացուցիչ գեղեցկությունը նույնիսկ անտանելի էր, դալուկ դեմքի, համարյա փոս ընկած այտերի և այրվող աչքերի գեղեցկությունը. տարօրինա՜կ գեղեցկություն։ Իշխանը մի րոպե նայում էր, հետո հանկարծ ուշքի եկավ, շուրջը նայեց, պատկերը շտապով մոտեցրեց շրթունքներին ու համբուրեց։ Երբ մի րոպե անց հյուրասենյակ մտավ, նրա դեմքը միանգամայն հանգիստ էր։
 +
 +
Բայը հենց որ ոտքը սեղանատուն դրեց (հյուրասենյակից դեռ մի սենյակ այս կողմ), դռան մեջ գրեթե նրա հետ ընդհարվեց Ագլայան, որը դուրս էր գալիս։ Նա մենակ էր։
 +
 +
— Գավրիլա Արդալիոնովիչը խնդրեց, որ ձեզ հանձնեմ,— ասաց իշխանը, նրան տալով տոմսակը։
 +
 +
Ագլայան կանգ առավ, տոմսակը վերցրեց և մի տեսակ տարօրինակ նայեց իշխանին։ Նվազագույն իսկ շփոթմունք չկար նրա հայացքում, թերևս մի փոքր զարմանք երևաց, և այդ էլ, թվում է, վերաբերում էր միայն իշխանին։ Իր հայացքով Ագլայան կարծես հաշվետվություն էր պահանջում՝ ի՞նչ ձևով էր իշխանը այս հարցում Գանյայի հետ հանդես գալիս, և պահանջում էր հանգիստ ու բարձրից։ Նրանք երկու-երեք ակնթարթ կանգնած մնացին դեմ դիմաց, վերջապես, հազիվհազ մի ծաղրական բան նշմարվեց Ագլայայի դեմքին. նա թեթևակի ժպտաց ու անցավ գնաց։
 +
 +
Գեներալի կինը միառժամանակ լուռ ու թեթև արհամարհանքով դիտում էր Նաստասյա Ֆիլիպովնայի պատկերը, որը նա բռնել էր առաջ մեկնած ձեռքին՝ հատկապես, ընդգծված կերպով աչքերից հեռու։
 +
 +
— Այո, գեղեցիկ է,— վերջապես ասաց նա,— նույնիսկ շատ գեղեցիկ է։ Ես երկու անգամ տեսել եմ նրան, միայն հեռվից։ Ուրեմն դուք այսպիսի՞ գեղեցկությունն եք գնահատում,— հանկարծ դարձավ նա իշխանին։
 +
 +
— Այո... այդպիսի․․․— պատասխանեց իշխանը որոշ ճիգով։
 +
 +
— Այսինքն՝ հենց այսպիսի՞։
 +
 +
— Հենց այդպիսի։
 +
 +
— Ինչո՞ւ։
 +
 +
— Այդ դեմքին․․․ շատ տառապանք կա․․․— ասաց իշխանը կարծես ակամա, կարծես ինքն իր հետ խոսելով և ոչ թե հարցին պատասխանելով։
 +
 +
— Դուք, ի դեպ, գուցե զառանցում եք,— վճռեց գեներալի կինը և գոռոզ շարժումով պատկերը գցեց սեղանին։
 +
 +
Ալեքսանդրան վերցրեց այն, Ադելաիդան մոտեցավ նրան և երկուսն էլ սկսեցին դիտել։ Այդ րոպեին Ագլայան նորից վերադարձավ հյուրասենյակ։
 +
 +
— Ինչպիսի՜ ուժ,— հանկարծ բացականչեց Ադելաիդան, քրոջ ուսի վրայով ուշաղիր զննելով պատկերը։
 +
 +
— Որտե՞ղ։ Ի՞նչ ուժ,— չոր հարցրեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 +
 +
— Այսպիսի գեղեցկությունն ուժ է,— տաք֊տաք ասաց Ադելաիդան։— Այսպիսի գեղեցկությամբ կարելի է աշխարհը շուռ տալ։
 +
 +
Նա մտազբաղ հեռացավ դեպի իր նկարչատախտակը։ Ագլայան պատկերին նայեց միայն հարևանցիորեն, աչքերը կկոցելով, ներքևի շրթունքը երկարացրեց, հեռացավ ու նստեց մի կողմ, ձեռները ծալած։
 +
 +
Գեներալի կինը զանգ տվեց։
 +
 +
— Այստեղ կանչել Գավրիլա Արդալիոնովիչին, նա կաբինետում է,— հրամայեց նա ներս մտած ծառային։
 +
 +
— Maman,— նշանակալից բացականչեց Ալեքսանդրան։
 +
 +
— Ես ուզում եմ նրան երկու խոսք ասել, և բավական է,— արագ նրա խոսքը կտրեց տիկինը, կանխելով առարկությունը։ Նա ըստ երևույթին գրգռված էր։― Գիտե՞ք ինչ, իշխան, հիմա այստեղ մեզ մոտ շարունակ գաղտնիքներ են։ Շարունակ գաղտնիքներ։ Այդպես է պահանջվում, ինչ-որ վարվելակարգ է, հիմար բան։ Եվ դա այնպիսի գործում, որը ամենից ավելի է անկեղծություն, պարզություն, ազնվություն պահանջում։ Սկսվում են ամուսնություններ, դուր չեն գալիս ինձ այդ ամուսնությունները․․․
 +
 +
— Maman, այդ ինչե՜ր եք ասում,— դարձյալ շտապեց նրան ընդհատել Ալեքսանդրան։
 +
 +
— Ի՞նչ ես ուզում, սիրելի դստրիկս։ Հենց քեզ մի՞թե դուր են գալիս։ Իսկ որ իշխանը լսում է, ոչինչ, մենք բարեկամներ ենք։ Համենայն դեպս՝ ես։ Աստված որոնում է մարդկանց, իհարկե, լավ մարդկանց, իսկ չար ու կամակոր մարդիկ նրան պետք չեն, հատկապես կամակոր մարդիկ, որոնք այսօր մի բան են վճռում, իսկ վաղն ուրիշ բան ասում։ Հասկանո՞ւմ եք, Ալեքսանդրա Իվանովնա։ Նրանք, իշխան, ասում են, թե ես խենթ եմ, իսկ ես գիտեմ տարբերել։ Որովհետև գլխավորը սիրտն է, իսկ մնացածը դատարկ բան է։ Խելք էլ է պետք, իհարկե... գուցե և ամենագլխավորը հենց խելքն է։ Մի՛ քմծիծաղիր, Ագլայա, ես ինքս ինձ չեմ հակասում։ Սիրտ ունեցող, բայց անխելք կինն էլ դժբախտ է, խելացի, բայց անսիրտ կինն էլ է դժբախտ։ Հին ճշմարտություն է։ Ահա ես սիրտ ունեցող անխելք կին եմ, իսկ դու խելացի անսիրտ կին ես, և մենք երկուսս էլ դժբախտ ենք, երկուսս էլ տառապում ենք։
 +
 +
— Այդ ինչո՞վ եք դուք այդքան դժբախտ, maman,— չհամբերեց Ադելաիդան, որը կարծես միակն էր ամբողջ խմբից, որ չէր կորցրել ուրախ տրամադրությունը։
 +
 +
— Նախ և առաջ ուսումնական աղջիկներիս պատճառով,— կտրուկ ասաց գեներալի կինը,— իսկ քանի որ միայն դա էլ բավական է, մնացածի մասին կարիք չկա ծավալվելու։ Բավական է, ինչքան երկարաբանություններ ենք արել։ Տեսնենք, թե ինչպես դուք երկուսդ էլ (Ագլայային չեմ հաշվում) ձեր խելքով ու երկարաբանությամբ տակից դուրս կգաք, և արդյոք դուք, մեծարգո Ալեքսանդրա Իվանովնա, երջանիկ կլինե՞ք ձեր հարգարժան պարոնի հետ... Ա՜․․․― բացականչեց նա, տեսնելով ներս մտնող Գանյային,— ահա գալիս է ևս մի ամուսնական միություն։ Բարև ձեզ,— պատասխանեց նա Գանյայի ողջույնին, չհրավիրելով նրան նստելու։— Դուք ամուսնանո՞ւմ եք։
 +
 +
— Ամուսնանո՞ւմ... Ինչպե՞ս... ի՞նչ ամուսնություն․․․― քրթմնջում էր շշկլված Գավրիլա Արդալիոնովիչը։ Նա անասելի շփոթվեց։
 +
 +
— Դուք կի՞ն եք առնում, հարցնում եմ ես, եթե միայն ձեզ ավելի է դուր գալիս այս արտահայտությունը։
 +
 +
— Ո֊ոչ․․․ Ես․․․ ո֊ոչ,— ստեց Գավրիլա Արդալիոնովիչը և ամոթի կարմրությունը պատեց նրա դեմքը։ Նա թռուցիկ նայեց մի կողմ նստած Ագլայային և արագ փախցրեց աչքերը։ Ագլայան սառը, սևեռուն, հանգիստ նայում էր նրան, առանց հայացքը կտրելու, և դիտում էր նրա շփոթությունը։
 +
 +
― Ո՞չ։ Դուք ասացիք ո՞չ,— համառորեն հարցաքննում էր անողոք Լիզավեաա Պրոկոֆևնան,— բավական է, ես միտքս կպահեմ, որ դուք այսօր, չորեքշաբթի առավոտյան, իմ հարցին ասացիք ինձ «ոչ»։ Այսօր օրն ի՞նչ է, չորեքշաբթի՞։
 +
 +
— Կարծեմ չորեքշաբթի, maman,— պատասխանեց Ադելաիդան։
 +
 +
— Երբեք օրերը չեմ իմանում։ Ամսի քանի՞սն է։
 +
 +
— Քսանյոթը,— պատասխանեց Գանյան։
 +
 +
— Քսանյո՞թը։ Այդ լավ է որոշ հաշիվներով։ Գնաք բարով, դուք, կարծեմ, շատ զբաղված եք, իսկ իմ հագնվելու և մեկնելու ժամանակն է. վերցրեք ձեր պատկերը։ Ողջույնս հաղորդեցեք դժբախտ Նինա Ալեքսանդրովնային։ Ցտեսություն, իշխան, աղավնյակս։ Անցիր հաճախակի, իսկ ես հատուկ կանցնեմ պառավ Բելոկոնսկայայի մոտ՝ քո մասին ասելու։ Եվ լսեք, սիրելիս, ես հավատում եմ, որ հենց ինձ համար է աստված ձեզ Շվեյցարիայից բերել Պետերբուրգ։ Գուցե դուք ուրիշ գործել էլ կունենաք, բայց գլխավորապես ինձ համար։ Աստված հենց այդպես է հաշիվ արել։ Ցտեսություն, սիրելիներս։ Ալեքսանդրա, անցիր ինձ մոտ, բարեկամս։
 +
 +
Գեներալի կինը դուրս եկավ։ Գանյան տապալված, իրեն կորցրած, չարացած, սեղանից վերցրեց պատկերը և ծամածռված ժպիտով դիմեց իշխանին.
 +
 +
— Իշխան, ես հիմա տուն եմ գնում, եթե չեք փոխել մեր տանն ապրելու մտադրությունը, ապա ձեզ տեղ կհասցնեմ, թե չէ դուք հասցեն էլ չգիտեք։
 +
 +
— Կացեք, իշխան,— ասաց Ագլայան, հանկարծ վեր կենալով իր բազկաթոռից,— դուք դեռ իմ ալբոմի մեջ գրելու եք։ Հայրիկս ասաց, որ դուք վայելչագիր եք։ Ես հիմա կբեբեմ․․․
 +
 +
Եվ նա դուրս եկավ։
 +
 +
— Ցտեսություն, իշխան, ես էլ եմ գնում,— ասաց Ադելաիդան։
 +
 +
Նա ամուր սեղմեց իշխանի ձեռքը, սիրալիր ու փաղաքուշ ժպտաց նրան և դուրս եկավ։ Գանյայի վրա նա չնայեց։
 +
 +
— Այդ դուք եք,— ատամները կրճտացրեց հանկարծ Գանյան, հարձակվելով իշխանի վրա, հենց որ բոլորը դուրս եկան,— այդ դուք եք նրանց մոտ դուրս տվել, որ ես ամուսնանում եմ,— մրթմրթում էր նա արագ կիսաշշուկով, կատաղի հայացքով և չարությամբ փայլեցնելով աչքերը,― անամոթ շաղակրատ։
 +
 +
— Հավատացնում եմ ձեզ, որ դուք սխալվում եք,― հանգիստ ու քաղաքավարի պատասխանեց իշխանը,― ես նույնիսկ չգիտեի, որ դուք ամուսնանում եք։
 +
 +
— Դուք այն ժամանակ լսեցիք, թե ինչպես Իվան Ֆյոդորովիչը ասում էր, որ այսօր երեկոյան ամեն ինչ կվճռվի Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ, հենց դա էլ հաղորդել եք։ Դուք ստում եք։ Նրանք որտեղի՞ց կարող էին իմանալ։ Բացի ձեզանից, սատանան տանի, էլ ո՞վ կարող էր հայտնել։ Մի՞թե պառավն ինձ չակնարկեց։
 +
 +
— Դուք ավելի լավ պետք է իմանաք, թե ով է հայտնել, եթե միայն ձեզ թվում է, թե ձեզ ակնարկեցին, ես այդ մասին ոչ մի խոսք չեմ ասել։
 +
 +
— Տոմսակը հանձնեցի՞ք։ Պատասխա՞նը,— տենդագին անհամբերությամբ նրա խոսքը կտրեց Գանյան։ Բայց հենց այդ րոպեին վերադարձավ Ագլայան, և իշխանը ոչինչ չհասցրեց պատասխանել։
 +
 +
— Ահա, իշխան,― ասաց Ագլայան՝ փոքրիկ սեղանի վրա դնելով իր ալբոմը,― մի էջ ընտրեցեք և որևէ բան գրեք ինձ համար։ Ահա գրիչ, այն էլ դեռ նոր։ Ոչի՞նչ, որ պողպատե է։ Վայելչագիրները, լսել եմ, պողպատե գրիչով չեն գրում։
 +
 +
Իշխանի հետ խոսելով, նա կարծես չէր էլ նկատում, որ Գանյան էլ այդտեղ է։ Բայց մինչդեռ իշխանը ուղղում էր գրիչը, էջ էր որոնում և պատրաստվում էր, Գանյան մոտեցավ բուխարիկին, որտեղ անմիջապես իշխանի աջ կողմում կանգնած էր Ագլայան, և կերկերուն, բեկբեկ ձայնով ասաց համարյա նրա ականջին.
 +
 +
— Մի խոսք, միայն մի խոսք ձեր բերնից, և ես փրկված եմ։
 +
 +
Իշխանն արագ շրջվեց և նայեց երկուսին։ Գանյայի դեմքին իսկական հուսահատություն կար, թվում էր, նա այդ բառերն արտասանեց մի տեսակ առանց մտածելու, գլխապաաառ։ Ագլայան մի քանի վայրկյան նրան նայում էր բոլորովին նույն հանգիստ զարմանքով, ինչպես քիչ առաք իշխանին, և, թվում է, այդ հանգիստ զարմանքը, որ կարծես բխում էր իրեն ասվածը իսպառ չհասկանալուց, Գանյայի համար այդ րոպեին ամենասաստիկ արհամարհանքից էլ սարսափելի էր։
 +
 +
— Ի՞նչ գրեմ,— հարցրեց իշխանը։
 +
 +
― Հիմա ես ձեզ կթելադրեմ,— ասաց Ագլայան շուռ գալով դեպի նա,— պատրա՞ստ եք։ Ուրեմն գրեցեք. «Ես չեմ սակարկում»։ Հիմա տակը գրեցեք ամիսն ու ամսաթիվը։ Ցույց տվեք։
 +
 +
Իշխանը ալբոմը տվեց նրան։
 +
 +
— Գերազա՜նց է։ Դուք զարմանալի եք գրել, հիանալի ձեռագիր ունեք։ Շնորհակալ եմ։ Ցտեսություն, իշխան... կացեք,— ավելացրեց նա, կարծես հանկարծ մի բան մտաբերելով,— գնանք, ես ուզում եմ հիշատակի համար ձեզ մի բան նվիրել։
 +
 +
Իշխանը գնաց նրա հետևից․ բայց, սեղանատուն մտնելով, Ագլայան կանգ առավ։
 +
 +
— Կարդացեք սա,— ասաց նա, մեկնելով Գանյայի գրած տոմսակը։
 +
 +
Իշխանը տոմսակը վերցրեց և տարակուսանքով նայեց Ագլայային։
 +
 +
— Ես հո գիտեմ, որ դուք սա չեք կարդացել և չեք կարող այդ մարդու հավատարմատարը լինել։ Կարդացեք, ես ուզում եմ, որ կարդաք։
 +
 +
Տոմսակն ըստ երևույթին գրված էր հապճեպ։
 +
 +
«Այսօր կվճռվի իմ բախտը, դուք գիտեք, թե ինչ ձևով։ Այսօր ես պետք է իմ անվերադարձ խոսքը տամ։ Ես ոչ մի իրավունք չունեմ ձեր կարեկցության, չեմ համարձակվում ոչ մի հույս ունենալ, բայց մի անգամ դուք արտասանեցիք մի բառ, լոկ մի բառ, և այդ բառը լուսավորեց իմ կյանքի ամբողջ սև գիշերը. ինձ համար դարձավ փարոս։ Հիմա էլ ասացեք մի այդպիսի բառ, և ինձ փրկեք կործանումից։ Ինձ միայն ասացեքճ՝ _ամեն ինչ խզիր_, և ես ամեն ինչ կխզեմ հենց այսօր ևեթ։ Օ, ձեզ համար ի՞նչ արժե դա ասելը։ Այդ բառով ես հայցում եմ միայն ձեր կարեկցության և խղճահարության նշանը դեպի ինձ,— և միայն, _միայն_ այդքանը։ Եվ ուրիշ ոչինչ, ոչինչ։ ես չեմ համարձակվում մտքումս որևէ հույս տածել, որովհետև արժանի չեմ դրան։ Բայց ձեր խուսքից հետո ես կրկին կընդունեմ իմ աղքատությունը, ես ուրախությամբ կտանեմ իմ հուսահատական վիճակը։ Ես կդիմավորեմ պայքարը, ես ուրախ կլինեմ այդ պայքարին, նոր ուժերով հարություն կառնեմ այդ պայքարում։
 +
 +
Ուրեմն ուղարկեցեք ինձ կարեկցության այդ խոսքը (երդվում եմ ձեզ, լոկ կարեկցությանն)։ Մի բարկացեք հուսաբեկի, խեղդվողի վրա, որ համարձակվել է վերշին ճիգը Գործադրել, որպեսզի իրեն փրկի կործանումից։  Գ. Ի.»։
 +
 +
— Այս մարդը հավատացնում է,— սուր ասաց Ագլայան, երբ իշխանն ավարտեց ընթերցումը,— որ «_ամեն ինչ խզեցեք_» խոսքը ինձ չի անվանարկի և ոչնչով չի պարտավորեցնի, և ինչպես տեսնում եք, իր այս տոմսակով ինքն է ինձ գրավոր երաշխիք տալիս։ Նկատեցեք, որքա՜ն միամտորեն շտապել է նա ընդգծել մի քանի բառերը և որքա՜ն կոպտորեն է նկատվում նրա թաքուն միտքը։ Ի դեպ, նա գիտի, որ եթե ամեն ինչ խզեր, բայց ինքը, մենակ, առանց իմ խոսքին սպասելու, և նույնիսկ առանց ինձ ասելու այդ մասին, ինձնից առանց որևէ հույս ունենալու, ապա ես այն ժամանակ կփոխեի զգացմունքներս դեպի նա, և, գուցե, նրա ընկերը դառնայի։ Այդ նա հաստատ գիտի։ Բայց նրա հոգին կեղտոտ է. նա գիտի և սիրտ չի անում. նա գիտի և համենայն դեպս երաշխիքներ է խնդրում։ Նա ի վիճակի չէ հավատին վստահել։ Նա ուզում է, որ ես հարյուր հազարի փոխարեն իմ անձի նկատմամբ նրան հույս տամ։ Իսկ առաջվա խոսքի վերաբերյալ, որի մասին նա ասում է տոմսակում և որը իբր թե լուսավորել է նրա կյանքը, նա անպատկառորեն ստում է։ Ես ուղղակի մի անգամ խղճացի նրան։ Բայց նա հանդուգն ու անամոթ է, նրա մեջ այն ժամանակ իսկույն հույսի հնարավորության միտքը ծագեց. ես դա անմիջապես հասկացա։ Այն ժամանակվանից նա սկսեց ինձ որսալ. հիմա էլ է որսում։ Բայց բավական է, վերցրեք և նրան վերադարձրեք տոմսակը, անմիջապես, հենց որ մեր տնից դուրս կգաք, հասկանալի է, ոչ առաջ։
 +
 +
— Իսկ ի՞նչ ասեմ նրան ի պատասխան։
 +
 +
— Հասկանալի է, ոչինչ։ Դա ամենալավ պատասխանն է։ Դուք, ուրեմն, ուզում եք նրա տա՞նն ապրել։
 +
 +
— Այն ժամանակ Իվան Ֆյոդորովիչն ինքը ինձ խորհուրդ տվեց, — ասաց իշխանը։
 +
 +
— Ուրեմն զգուշացեք նրանից, ես ձեզ նախազգուշացնում եմ. նա հիմա ձեզ չի ների, որ վերադարձնում եք տոմսակը։
 +
 +
Ագլայան թեթևակի սեղմեց իշխանի ձեռքը և դուրս եկավ։ Նրա դեմքը լուրջ ու խոժոռված էր, նա նույնիսկ չժպտաց, երբ գլխով արավ իշխանին հրաժեշտ տալու։
 +
 +
— Ես իսկույն, միայն կապոցս վերցնեմ,— ասաց իշխանը Գանյային,— և գնանք։
 +
 +
Գանյան անհամբերությունից ոտքը գետնին դոփեց։ Նրա դեմքը նույնիսկ սևացել էր կատաղությունից։ Վերջապես երկուսն էլ փողոց դուրս եկան, իշխանը՝ իր կապոցը ձեռքին։
 +
 +
— Պատասխա՞նը, պատասխա՞նը,— նրա վրա հարձակվեց Գանյան,— նա ձեզ ի՞նչ ասաց։ Դուք նամակը հանձնեցի՞ք։
 +
 +
Իշխանը լուռ նրան հանձնեց նրա տոմսակը։ Գանյան քարացավ։
 +
 +
— Ինչպե՞ս։ Իմ տոմսա՞կը,— բացականչեց նա,— սա չի էլ հանձնե՜լ։ Օ, ես պետք է գլխի ընկնեի, Օ, ա֊ն֊նիծվ․․․ հասկանալի է, որ նա քիչ առաջ ոչինչ չհասկացավ։ Ախր ինչպե՜ս, ինչպե՜ս, ինչպե՜ս չհանձնեցիք, օ, ա֊ն֊նիծվ...
 +
 +
― Ներեցեք ինձ, ընդհակառակը, ինձ անմիջապես հաջողվեց հանձնել ձեր տոմսակը, նույն րոպեին, հենց որ տվեցիք, և ճիշտ այնպես, ինչպես խնդրել էիք։ Տոմսակը նորից ինձ մոտ հայտնվեց նրա համար, որ Ագլայա Իվանովնան հիմա ինձ վերադարձրեց։
 +
 +
— Ե՞րբ։ Ե՞րբ։
 +
 +
― Հենց որ ես վերջացրի ալբոմում գրելը և երբ նա ինձ հրավիրեց իր հետ։ (Դուք լսեցի՞ք)։ Մենք մտանք սեղանատուն, նա տոմսակը տվեց ինձ, պատվիրեց կարդալ և պատվիրեց վերադարձնել ձեզ։
 +
 +
— Կ֊կար֊դա՜լ,— բղավեց Գանյան գրեթե ամբողջ կոկարդով մեկ,— կարդա՜լ։ Դուք կարդացի՞ք։
 +
 +
Եվ նա կրկին քարացած կանգ առավ մայթի մեջտեղում, բայց այն աստիճան զարմացած, որ նույնիսկ բերանը բաց էր մնացել։
 +
 +
— Այո, հիմա կարդացի։
 +
 +
— Եվ նա ինքը, ի՞նքը տվեց ձեզ կարդալու։ Ի՞նքը։
 +
 +
— Ինքը, և հավատացեք, որ ես չէի կարդա առանց նրա հրավերի։
 +
 +
Գանյան մի րոպե լուռ էր և տանջալից ճիգերով ինչ֊որ բան էր մտմտում, բայց հանկարծ բացականչեց.
 +
 +
— Չի՛ կարող պատահել։ Նա չէր կարող ձեզ պատվիրել, որ կարդաք։ Դուք ստում եք։ Ինքներդ եք կարդացել։
 +
 +
— Ես ճիշտ եմ ասում,— պատասխանեց իշխանը առաջվա, բոլորովին անխռով եղանակով,— հավատացեք, ես շատ ցավում եմ, որ դա ձեզ վրա այդքան տհաճ տպավորություն է գործում։
 +
 +
— Բայց, թշվառական, նա գոնե մի բան ասա՞ց ձեզ այդ ժամանակ։ Ախր մի բան պատասխանե՞ց։
 +
 +
— Այո, իհարկե։
 +
 +
— Դե ասացեք, ասացեք, օ գրո՛ղ...
 +
 +
Եվ Գանյան կրկնակոշիկ հագած ոտքը երկու անգամ դոփեց մայթին։
 +
 +
— Հենց որ կարդացի, նա ինձ ասաց, որ դուք նրան որսում եք, որ դուք նրան այդպես անվանարկում եք, որպեսզի նրանից հույս ստանաք, որպեսզի այդ հույսի վրա հենվելով, առանց վնասի խզեք հարյուր հազարի հետ կապված մի ուրիշ հույս։ Որ եթե դուք այդ բանն անեիք առանց նրա հետ սակարկելու, խզեիք դուք ինքներդ, առանց վաղօրոք նրանից երաշխիք խնդրելու, ապա նա, թերևս, ձեր ընկերը դառնար։ Ահա և բոլորը, կարծեմ։ Հա, էլի, երբ արդեն տոմսակը վերցնելով հարցրի, թե ի՞նչ պատասխան տանեմ, նա ասաց, որ չպատասխանելը ամենալավ պատասխանը կլինի, կարծեմ այդպես էր. ներեցեք, եթե մոռացել եմ նրա ճշգրիտ արտահայտությունը և հայտնում եմ ինչպես ինքս հասկացա։
 +
 +
Անսահման զայրույթը տիրեց Գանյային, և նրա կատաղությունը պոռթկաց անզուսպ կերպով։
 +
 +
— Ա՜։ Ուրեմն ահա թե ինչպես,— ատամներն էր կրճտացնում նա,— ուրեմն իմ տոմսակները լուսամուտից դուրս է շպրտում։ Ա՜։ Նա չի սակարկում, ուրեմն ես եմ սակարկո՜ւմ; Եվ կտեսնե՜նք։ Ես դեռ շատ բան ունեմ, կտեսնե՜նք... նեղը կլծե՜մ...
 +
 +
Նա ծամածռվում էր, գունատվում, փրփրում. նա սպառնում էր բռունցքով։ Մի քանի քայլ նրանք գնացին այդպես։ Իշխանից նա բոլորովին չէր քաշվում, կարծես մենակ իր սենյակում լիներ, որովհետև նրան վերին աստիճանի ոչնչություն էր համարում։ Բայց հանկարծ նա ինչ-որ րան մտածեց և սթափվեց։
 +
 +
— Բայց ինչպե՞ս,— հանկարծ դիմեց նա իշխանին,— այդ ի՞նչ ձևով դուք (ապուշ,— ավելացրեց նա մտքում), հանկարծ այդպիսի վստահություն եք շահել, առաջին ծանոթությունից երկու ժամ հետո։ Ինչպե՞ս։
 +
 +
Նրա բոլոր տանջանքներին պակասում էր նախանձը։ Դա հանկարծ խայթեց նրա բուն սիրտը։
 +
 +
― Այդ արդեն չեմ կարող ձեզ բացատրել,— պատասխանեց իշխանը։
 +
 +
Գանյան չարությամբ նայեց նրան։
 +
 +
— Արդյոք նա ձեզ սեղանատուն կանչեց, որ իր վստահությո՞ւնը նվիրեր։ Չէ՞ որ նա ուզում էր ձեզ մի բան նվիրել։
 +
 +
— Ես միայն այդպես կարող եմ հասկանալ, ոչ այլ կերպ։
 +
 +
— Բայց ինչի՞ համար, սատանան տանի։ Գուք ի՞նչ մի բան արիք այնտեղ։ Ինչո՞վ դուր եկաք։ Լսեցեք,— անասելի իրար էր անցել նա (այդ րոպեին նրա մեջ ամեն ինչ մի տեսակ ցաք ու ցրիվ էր եկել և անկանոն եռ էր գալիս, այնպես, որ նա նույնիսկ չէր կարող մտքերը ժողովել),— լսեցեք, գոնե չե՞ք կարող մի կերպ հիշել ու հերթով հասկանալ, թե հենց ինչի մասին էիք խոսում այնտեղ, բոլոր բառերը, ամենասկզբից։ Որևէ բան չնկատեցի՞ք արդյոք, չե՞ք հիշի։
 +
 +
— Օ, շատ լավ կարող եմ,— պատասխանեց իշխանը,— ամենից առաջ, երբ ես մտա և ծանոթացա, մենք սկսեցինք խոսել Շվեյցարիայի մասին։
 +
 +
— Դե, գրողի ծոցը Շվեյցարիան։
 +
 +
— Հետո մահապատժի մասին։
 +
 +
— Մահապատժի՞ մասին։
 +
 +
— Այո... մի առիթով... հետո ես նրանց պատմեցի, թե երեք տարի ինչպես էի ապրում այնտեղ, և մի պատմություն արի մի թշվառ գեղջկուհու մասին...
 +
 +
— Գրողի ծոցը թշվառ գեղջկուհին։ Հետո՞,— անհամբերությունից իրեն ուտում էր Գանյան։
 +
 +
— Հետո, թե ինչպես Շնեյդերը իր կարծիքն ասաց իմ բնավորության մասին և ինձ հարկադրեց...
 +
 +
— Գետինը մտնի Շնեյդերը և թքած նրա կարծիքի վրա։ Հետո՞։
 +
 +
— Հետո մի առիթով ես սկսեցի խոսել դեմքերի մասին, այսինքն՝ դեմքերի արտահայտությունների մասին, և ասացի, որ Ագլայա Իվանովնան գրեթե նույնքան գեղեցիկ է, որքան Նաստասյա Ֆիլիպովնան։ Ահա հենց այստեղ էր, որ խոսք թռցրի պատկերի մասին...
 +
 +
— Բայց դուք չկրկնեցիք, չէ՞ որ չկրկնեցիք այն, ինչ քիչ առաջ լսել էիք կաբինետում։ Ո՞չ։ Ո՞չ։
 +
 +
— Կրկնում եմ ձեզ, որ՝ ոչ։
 +
 +
— Հապա որտեղի՞ց, գրողը տանի... Վա՛հ։ Ագլայան տոմսակը հո ցույց չտվե՞ց պառավին։
 +
 +
— Դրան կարող եմ ձեզ լիովին երաշխավորել, որ ցույց չի տվել։ Ես ամբողջ ժամանակ այդտեղ էի, և ժամանակ էլ չունեցավ։
 +
 +
— Կարող է պատահել դուք ինքներդ չեք նկատել որևէ բան... Օ, ա֊նիծ֊վա՛ծ ապուշ,― բացականչեց նա արդեն բոլորովին ինքն իրեն կորցրած,— կարգին պատմել էլ չի կարող։
 +
 +
Գանյան, մի անգամ սկսելով հայհոյել և՝ դիմադրության չհանդիպելով, կամաց֊կամաց կորցրեց ամենայն զսպվածություն, ինչպես դա միշտ լինում է ոմանց մոտ։ Եվս մի քիչ, և գուցե սկսեր թքել, այն աստիճան կատաղած էր։ Բայց հենց այդ կատաղության պատճառով էլ նա կուրացել էր, այլապես վաղուց ուշադրություն դարձրած կլիներ, որ այդ «ապուշը», որին նա այդպես քամահրում էր, երբեմն նույնիսկ խիստ արագ ու նրբորեն է կարողանում ամեն ինչ հասկանալ և չափազանց հաջող է հազորդում։ Բայց հանկարծ մի անսպասելի բան պատահեց։
 +
 +
— Պետք է նկատեմ ձեզ, Գավրիլա Արդալիոնովիչ,― հանկարծ ասաց իշխանը,— որ առաջ իրոք ես այնպես անառողջ էի, որ իսկապես էլ համարյա ապուշ էի, բայց հիմա ես վաղուց եմ առողջացել, ուստի ինձ համար մի քիչ տհաճ է, երբ ինձ ապուշ են անվանում երեսիս։ Թեև ձեզ կարելի է ներել, նկատի ունենալով ձեր ձախորդությունները, բայց զայրույթի պահին դուք մի երկու անգամ ինձ հայհոյեցիք։ Ես այդ բոլորովին չեմ ուզում, մանավանդ այսպես, անսպասելի, ինչպես դուք, առաջին իսկ պահից, և քանի որ հիմա մենք կանգնած ենք խաչմերուկում, ապա լավ չէ՞ր լինի, եթե մենք բաժանվեինք. դուք կգնաք դեպի աջ, ձեր տուն, իսկ ես դեպի ձախ։ Ես քսանհինգ ռուբլի ունեմ, և հավանաբար որևէ օթել֊գարնի կճարեմ։
 +
 +
Գանյան սարսափելի շփոթվեց և նույնիսկ կարմրեց ամոթից։
 +
 +
— Ներեցեք, իշխան,— տաք-տաք բացականչեց նա, իր հայհոյական եղանակը հանկարծ փոխելով չափազանց քաղաքավարության,— ի սեր աստծու, ներեցեք։ Տեսնո՞ւմ եք, ինչ դժբախտության մեջ եմ ես։ Դուք դեռ համարյա ոչինչ չգիտեք, բայց եթե ամեն ինչ գիտենայիք, հավանաբար գոնե մի քիչ կներեիք ինձ, թեև, հասկանալի է, ես աններելի եմ...
 +
 +
— Օ, ինձ պետք էլ չեն այդքան մեծ ներողություններ,— շտապեց պատասխանել իշխանը։ — Ես հասկանում եմ, որ ձեզ համար շատ տհաճ է, դրա համար էլ հայհոյում եք։ Դե, գնանք ձեր տուն։ Ես բավականությամբ...
 +
 +
«Ոչ, սրան հիմա այսպես բաց թողնել անկարելի է,— ինքն իր մեջ մտածում էր Գանյան, ճանապարհին չարությամբ նայելով իշխանին,— այս խորամանկը ինձնից դուրս քաշեց ամեն ինչ, իսկ հետո հանկարծ դիմակը հանեց․․․ Դա մի բան նշանակում է։ Այ, կտեսնենք։ Ամեն ինչ կլուծվի, ամեն, ամեն ինչ։ Հենց այսօր»։
 +
 +
Նրանք արդեն կանգնած էին հենց տան մոտ։
 +
 +
===VIII===
 +
 +
Գանեչկայի բնակարանը գտնվում էր երրորդ հարկում, դեպի որը տանում էր մի շատ մաքուր, լուսավոր ու ընդարձակ սանդուղք, և բաղկացած էր վեց-յոթ մեծ ու փոքր, ի դեպ, բոլորովին սովորական սենյակներից, որոնք սակայն նույնիսկ երկու հազար ռուբլի ռոճիկ ստացող ընտանիքավոր չինովնիկի հնարավորություններից վեր էին։ Բայց այդ բնակարանը նախատեսված էր սպասավորով ու ճաշով հանդերձ վարձու կենվորների տալու համար, և Գանյան ու իր ընտանիքր դա զբաղեցրել էին ոչ ավելի, քան երկու ամիս առաջ, ի մեծ տհաճություն Գանյայի, սակայն Նինա Ալեքսանդրովնայի և Վարվառա Արդալիոնովնայի պնդումով ու խնդրանքներով, որոնք ցանկացել էին իրենց հերթին օգտակար լինել և գեթ որևէ չափով ավելացնել ընտանիքի եկամուտները։ Գանյան խոժոռվում էր և կենվորներ պահելը անվանում խայտառակություն. դրանից հետո նա կարծես ամաչում էր այն հասարակության մեջ, ուր նա սովոր էր հայտնվել որպես որոշ փայլ ու ապագա ունեցող երիտասարդ։ Այդ բոլոր զիջումները ճակատագրին և այդ ամբողջ զայրացուցիչ նեղվածքը, այդ ամենը նրա հոգու խոր վերքերն էին։ Որոշ ժամանակից ի վեր նա սկսել էր ամեն մանրուքից անսահման ու չափից ավելի գրգռվել, և եթե համաձայնում էր առժամանակ զիջել ու համբերել, ապա միայն նրա համար, որ ինքն արդեն որոշել էր այդ ամենը փոխել ու վերակառուցել ամենակարճ ժամանակում։ Այնինչ բուն այդ փոփոխությունը, բուն այդ ելքը, որի վրա նա կանգ էր առել, փոքր խնդիր չէր, այնպիսի խնդիր, որի առաջիկա լուծումը սպառնում էր շատ ավելի գլխացավանք պատճառել և շատ ավելի տանջալից լինել, քան դրան նախորդող ամեն ինչ։
 +
 +
Բնակարանը բաժանում էր միջանցքը, որն սկսվում էր ուղղակի նախասենյակից։ Միջանցքի մի կողմում գտնվում էին այն երեք սենյակները, որոնք հատկացված էին «հատուկ հանձնարարականներով» կենվորների վարձով տալու համար. բացի այդ, միջանցքի նույն կողմում, ամենածայրին, խոհանոցի մոտ, գտնվում էր մյուս բոլորից ավելի փոքր մի չորրորդ սենյակ ևս, ուր տեղավորված էր պաշտոնաթող գեներալ Իվոլգինն ինքը, ընտանիքի հայրը և քնում էր մի լայն բազմոցի վրա, իսկ բնակարանից ելումուտ անել պարտավոր էր խոզանոցի միջով ու ետնասանդուղքով։ Այդ նույն սենյակում էր տեղավորված նաև Գավրիլա Արդալիոնովիչի տասներեքամյա եղբայրը, գիմնազիստ Կոլյան. նրան էլ նախորոշված էր նեղվել այդտեղ, դասերը պատրաստել, քնել մի ուրիշ, շատ հին, նեղ ու կարճ բազմոցի վրա, մաշված սավանով, և, որ գլխավորն է, խնամել ու հսկել հորը, որը գնալով ավելի ու ավելի անկարող էր առանց դրա յոլա գնալ։ Իշխանին հատկացրին երեք սենյակից մեջտեղինը. աջ կողմից առաջին սենյակում տեղավորվել էր Ֆերդիշչենկոն, իսկ ձախ կողմինը՝ երրորդ սենյակը, դեռ դատարկ էր։ Բայց Գանյան իշխանին ամենից առաջ տարավ ընտանեկան հարկաբաժինը։ Այդ ընտանեկան հարկաբաժինը բաղկացած էր դահլիճից, որն անհրաժեշտության դեպքում դառնում էր սեղանատուն, հյուրասենյակից, որը, ի դեպ, հյուրասենյակ էր միայն առավոտները, իսկ երեկոյան դառնում էր Գանյայի առանձնասենյակն ու ննջարանը և, վերջապես, նեղվածք ու միշտ փակ երրորդ սենյակից, դա Նինա Ալեքսանդրովնայի ու Վարվառա Արդալիոնովնայի ննջարանն էր։ Մի խոսքով, այդ բնակարանում ամեն ինչ խռնված ու նեղված էր․ Գանյան մտքում միայն ատամներն էր կրճտացնում, նա թեև ուզում էր հարգալիր լինել և հարգալիր էր դեպի մայրը, բայց առաջին իսկ քայլից կարելի էր նկատել, որ նա մեծ բռնակալ է ընտանիքում։
 +
 +
Նինա Ալեքսանդրովնան հյուրասենյակում մենակ չէր. նրա հետ նստած էր Վարվառա Արդալիոնովնան. նրանք երկուսն էլ զբաղված էին ինչ-որ բան գործելով և զրուցում էին հյուրի՝ Իվան Պետրովիչ Պտիցինի հետ։ Նինա Ալեքսանդրովնան երևում էր մոտ հիսուն տարեկան, նիհար, սմքած երեսով և աչքերի տակ սաստիկ սևությամբ։ Նա հիվանդոտ և փոքր֊ինչ վշտաբեկ տեսք ուներ, բայց նրա դեմքն ու հայացքը բավական հաճելի էին. առաջին իսկ բառերից հայտնի էր դառնում լուրջ և իսկական արժանապատվությամբ չի բնավորությունը։ Չնայած վշտաբեկ տեսքին, նրա մեջ նախազգացվում էր հաստատակամություն և նույնիսկ վճռականություն։ Նա հագնված էր չափազանց համեստ, ինչ֊որ մուգ գույնի զգեստ, և բոլորովին պառավի պես, բայց նրա խոսելաձևը, ամբողջ շարժուձևը ցույց էին տալիս, որ նա ավելի լավ միջավայր տեսած կին է։
 +
 +
Վարվառա Արդալիոնովնան մոտ քսաներեք տարեկան օրիորդ էր, միջահասակ, բավական նիհարիկ, չէ թե շատ գեղեցիկ, բայց առանց գեղեցկության դուր գալու և իրենով կրքոտ կերպով հրապուրելու գաղտնիք պարունակող դեմքով։ Նա շատ նման էր մորը, նույնիսկ հագնված էր գրեթե մոր նման, զուգվելու ցանկության կատարյալ բացակայության պատճառով։ Նրա գորշ աչքերի հայացքը երբեմն կարող էր լինել շատ զվարթ ու քնքուշ, եթե ավելի հաճախ չլիներ լուրջ ու մտախոհ, երբեմն նույնիսկ չափազանց լուրջ, հատկապես վերջին ժամանակները։ Հաստատակամություն ու վճռականություն երևում էին նաև նրա դեմքին, բայց զգացվում էր, որ նրա հաստատակամությունը կարող էր նույնիսկ ավելի եռանդուն ու նախաձեռնող լինել, քան մորինը։ Վարվառա Արդալիոնովնան բավականին դյուրաբորբոք էր, և եղբայրը երբեմն նույնիսկ մի քիչ վախենում էր այդ դյուրաբորբոքությունից։ Դրանից մի քիչ վախենում էր նաև այժմ նրանց մոտ նստած հյուրը, Իվան Պետրովիչ Պտիցինը։ Դա դեռ բավականին երիտասարդ, մոտ երեսուն տարեկան մարդ էր, համեստ, բայց նրբագեղ հագնված, հաճելի, բայց մի տեսակ չափից ավելի ծանրաբարո շարժուձևհրով։ Մուգ խարտյաշ մորուքը ցույց էր տալիս, որ նա պաշտոնական զբաղմունքի տեր չի։ Նա կարողանում էր խելացի և հետաքրքիր խոսել, բայց ավելի հաճախ լռակյաց էր։ Ընդհանուր առմամբ նա նույնիսկ հաճելի տպավորություն էր գործում։ Ըստ երևույթին նա անտարբեր չէր դեպի Վարվառա Արդալիոնովնան և չէր թաքցնում իր զգացմունքները։ Վարվառա Արդալիոնովնան նրան բարեկամաբար էր վերաբերվում, բայց նրա որոշ հարցերին դեռևս հապաղում էր պատասխան տալ, նույնիսկ չէր սիրում դրանք․ Պտիցինն, ասենք, ամենևին էլ վհատած չէր։ Նինա Ալեքսանդրովնան նրա հետ սիրալիր էր, իսկ վերջին ժամանակներս նույնիսկ սկսել էր շատ բան վստահել։ Հայտնի է, ի դեպ, որ նա հատուկ զբաղվում է փող վաստակելով, համեմատաբար վստահելի գրավականով շահով դրամ տալով։ Գանյայի հետ նա արտակարգ մտերիմ էր։
 +
 +
Ի պատասխան Գանյայի հանգամանալից, բայը կցկտուր հանձնարարականի (որը չափազանց չոր բարևեց մորը, բոլորովին չբարևեց քրոջը և անմիջապես Պտիցինին սենյակից դուրս տարավ)՝ նինա Ալեքսանդրովնան իշխանին մի քանի սիրալիր խոսք ասաց և դռնից ներս նայող Կոլյային պատվիրեց, որ նրան առաջնորդի մեջտեղի սենյակը։ Կոլյան զվարթ ու բավական հաճելի դեմքով տղա էր, դյուրահավատ ու պարզասիրտ մաներայով։
 +
 +
— Իսկ ո՞ւր է ձեր բեռը,— հարցրեց նա, իշխանին սենյակ տանելով։
 +
 +
— Ես մի կապոց ունեմ, նախասենյակում եմ թողել։
 +
 +
— Ես հիմա կբերեմ։ Մեր սպասավորները՝ ընդամենը խոհարարուհին ու Մատրյոնան են, այնպես որ ես էլ եմ օգնում։ Վարյան հսկում է ամեն ինչի վրա և բարկանում։ Գանյան ասում է, թե դուք այսօր Շվեյցարիայի՞ց եք ժամանել։
 +
 +
— Այո։
 +
 +
— Իսկ Շվեյցարիայում լա՞վ է։
 +
 +
— Շատ։
 +
 +
— Լեռնե՞ր են։
 +
 +
— Այո։
 +
 +
— Ես հիմա ձեր կապոցները կբերեմ։
 +
 +
Ներս մտավ Վարվառա Արդալիոնովնան։
 +
 +
— Հիմա Մատրյոնան ձեր անկողնու սպիտակեղենը կփռի։ Դուք ճամպրո՞ւկ ունեք։
 +
 +
— Ոչ, կապոց։ Ձեր եղբայրը գնաց բերելու, նախասենյակում է։
 +
 +
— Այնտեղ ոչ մի կապոց չկա, բացի այս պստլիկ կապոցից, դուք ո՞ւր եք դրել,— հարցրեց Կոլյան, կրկին սենյակ վերադառնալով։
 +
 +
— Բացի դրանից, ոչ մի կապոց էլ չկա,— ազդարարեց իշխանը, ընդունելով իր կապոցը։
 +
 +
— Ա֊ա՜, իսկ ես մտածում էի, թե Ֆերդիշչենկոն հո չի թռցրել։
 +
 +
— Դատարկ բաներ մի դուրս տա,— խստորեն ասաց Վարյան, որն իշխանի հետ էլ խոսում էր չափազանց չոր և այնքան միայն, որ քաղաքավարի էր։
 +
 +
— Chère Babette<ref>Սիրելի Բաբետ (ֆրանս․)։
 +
</ref>, ինձ հետ կարելի է և ավելի քնքուշ վարվել, չէ՞ որ ես Պտիցինը չեմ։
 +
 +
— Քեզ դեռ ծեծել կարելի է, Կոլյա, դեռ այնքան հիմար ես դու։ Ինչի կարիք որ ունենաք, կարող եք դիմել Մատրյոնային, ճաշում ենք հինգի կեսին։ Կարող եք ճաշել մեզ հետ միասին, կարող եք և ձեր սենյակում, ինչպես կուզենաք։ Գնանք, Կոլյա, մի խանգարիր նրան։
 +
 +
— Գնա՛նք, վճռական բնավորություն։
 +
 +
Դուրս դալիս նրանք դեմդիմաց դիպան Գանյային։
 +
 +
— Հայրս տա՞նն է,— հարցրեց Գանյան Կոլյային, և Կոլյայի հաստատական պատասխանի վրա ինչ-որ բան շշնջաց նրա ականջին։
 +
 +
Կոլյան գլխով արավ ու գնաց Վարվառա Արդալիոնովնայի հետևից։
 +
 +
— Երկու խոսք, իշխան, որ մոռացա ձեզ ասել, այդ... գործերի հետևից ընկած։ Որոշ խնդիրք ունեմ. շնորհ արեք, եթե միայն դա ձեզ այնքան էլ դժվար չի լինի. չշաղակրատեք ոչ այստեղ, ինչ որ հիմա այնտեղ պատահեց իմ և Ագլայայի միջև, ոչ ''այնտեղ'', ինչ որ այստեղ կգտնեք, որովհետև այստեղ էլ բավականաչափ այլանդակություն կա։ Ասենք, գրողի ծոցը․․․ Բայց գոնե այսօր զսպեցեք ձեզ։
 +
 +
— Բայց հավատացնում եմ ձեզ, որ ես շատ ավելի քիչ եմ շաղակրատել, քան դուք կարծում եք,— ասաց իշխանը քիչ գրգռված Գանյայի կշտամբանքից։ Նրանց հարաբերությունները նկատելիորեն ավելի ու ավելի վատանում էին։
 +
 +
— Դե, ես այսօր արդեն բավական տհաճություն կրեցի ձեր պատճառով։ Մի խոսքով, ես ձեզ խնդրում եմ։
 +
 +
— Այս էլ նկատեցեք, Գավրիլա Արդալիոնովիչ, ես այն ժամանակ ինչո՞վ էի կապված և ինչո՞ւ չէի կարող հիշատակել պատկերի մասին։ Չէ որ ինձ չէիք խնդրել։
 +
 +
— Թո՛ւ, ինչ վատ սենյակ է,— նկատեց Գանյան,— արհամարհաբար շուրջը նայելով,— մութ է և լուսամուտները դեպի բակն են նայում։ Բոլոր տեսակետներից դուք անժամանակ եք եկել մեզ մոտ․․․ Բայց դա իմ գործը չէ, բնակարանները ես չեմ պահում։
 +
 +
Պտիցինը ներս նայեց ու կանչեց Գանյային. սա արագ թողեց իշխանին ու դուրս եկավ, չնայած նրան, որ ուզում էր էլի ինչ֊որ բան ասել, բայց ըստ երևույթին տատանվում էր և կարծես ամաչում էր սկսել, և սենյակն էլ փնովեց, նույնիսկ կարծես թե ամաչելով։
 +
 +
Նոր էր իշխանը լվացվել և քիչ թե շատ կարգի բերել զգեստը, դուռը կրկին բացվեց, և մի նոր դեմք հայտնվեց։
 +
 +
Դա մի երեսուն տարեկան պարոն էր, բավական բարձրահասակ, լայնաթիկունք, հսկայական գանգրահեր, կարմրաշեկ գլխով։ Նրա դեմքը մսեղ ու կարմիր էր, շրթունքները հաստ, քիթը լայն ու ճապաղած, աչքերը մանր, ճարպակալած ու ծաղրոտ, կարծես անընդհատ աչքով էր անում։ Այդ ամենը ամբողջովին վերցրած բավական լրբենի տեսք ուներ։ Նա հագնված էր փոքր֊ինչ կեղտոտ։
 +
 +
Նա սկզբում դուռը բացեց ճիշտ այնքան, որ գլուխը ներս խոթեր։ Ներս խոթված գլուխը մոտ հինգ րոպե զննում էր սենյակը, հետո դուռը սկսեց դանդաղ բացվել, ամբողջ կերպարանքը գծագրվեց շեմքին, բայց հյուրը դեռևս ներս չէր մտնում, այլ աչքերը կկոցած՝ շարունակում էր շեմքից զննել իշխանին։ Վերջապես, դուռը իր հետևից ծածկելով, մոտեցավ, նստեց աթոռին, ամուր բռնեց իշխանի ձեռքը և նրան շեղակի նստեցրեց բազմոցին։
 +
 +
— Ֆերդիշչենկո,— ասաց նա, սևեռուն ու հարցական նայելով իշխանի դեմքին։
 +
 +
— Հետո՞ ինչ,— պատասխանեց իշխանը գրեթե ծիծաղելով։
 +
 +
— Կենվոր եմ,— կրկին ասաը Ֆերդիշչենկոն, առաջվա պես նայելով։
 +
 +
— Ուզում եք ծանոթանա՞լ։
 +
 +
— Է֊է՜խ,— ասաց հյուրը մազերը գզգզելով ու հառաչելով, և սկսեց նայել դիմացի անկյունը։— Փող ունե՞ք,— հանկարծ հարցրեց նա, դիմելով իշխանին։
 +
 +
― Մի քիչ։
 +
 +
— Այսինքն՝ ինչքա՞ն։
 +
 +
— Քսանհինգ ռուբլի։
 +
 +
— Ցույց տվեք։
 +
 +
Իշխանը ժիլետի գրպանից հանեց քսանհինգ ռուբլիանոց դրամը և տվեց Ֆերղիշչենկոյին։ Սա ծալած թղթադրամը բացեց, նայեց, հետո շուռ տվեց մյուս կողմը, հետո բռնեց լույսի դիմաց։
 +
 +
— Բավական տարօրինակ է,— ասաց նա կարծես մտքի ծովն ընկած,— ինչի՞ պիտի գորշ դարչնագույն դառնա։ Այս քսանհինգ ռուբլիանոցները երբեմն սաստիկ գորշանում են, իսկ մի մասն էլ, ընդհակառակը, բոլորովին խունանում են։ Վերցրեք։
 +
 +
Իշխանն իր թղթադրամը ետ վերցրեց։ Ֆերդիշչենկոն աթոռից վեր կացավ։
 +
 +
— Ես եկա ձեզ նախազգուշացնելու, նախ և առաջ ինձ փող պարտք չտաք, որովհետև անպայման կխնդրեմ։
 +
 +
— Լավ։
 +
 +
— Դուք մտադի՞ր եք այստեղ վճարելու։
 +
 +
— Մտադիր եմ։
 +
 +
— Իսկ ես մտադիր չեմ. շնորհակալություն։ Ես այստեղ ձեզնից աջ՝ առաջին դուռն եմ, տեսե՞լ եք։ Աշխատեցեք ինձ մոտ այնքան էլ հաճախ շնորհ չբերել. ես ձեզ մոտ կգամ, մի անհանգստացեք։ Գեներալին տեսե՞լ եք։
 +
 +
— Ոչ։
 +
 +
— Եվ չե՞ք լսել։
 +
 +
— Իհարկե, ոչ։
 +
 +
— Դե, ուրեմն կտեսնեք ու կլսեք, այն էլ ասեմ, որ նա նույնիսկ ինձնի՜ց փող է պարտք խնդրում։ Avis au lecteur<ref>Նախատեղեկացում (ֆրանս․)։
 +
</ref>։ Մնաք բարով։ Մի՞թե կարելի է ապրել Ֆերդիշչենկո ազգանունով։ Հը՞։
 +
 +
— Իսկ ինչո՞ւ չէ։
 +
 +
— Մնաք բարով։
 +
 +
Եվ նա գնաց դեպի դուռը։ Իշխանը հետո իմացավ, որ այդ պարոնը կարծես թե իր առաջ խնդիր էր դրել բոլորին զարմացնել յուրօրինակությամբ և ուրախ բնավորությամբ, բայց դա նրան երբեք չէր հաջողվում։ Ոմանց վրա նա նույնիսկ տհաճ տպավորություն էր գործում, որի համար վշտանում էր, բայց և այնպես իր խնդրից չէր հրաժարվում։ Նրան կարծես հաջողվեց իր գործը շտկել, դռան մեջ ընդհարվելով ներս մտնող մի պարոնի հետ. այդ նոր և իշխանին անծանոթ հյուրին սենյակ թողնելով, նրա հետևից մի քանի անգամ աչքով արավ, նախազգուշացնելով իշխանին ու այդպիսով, այնուամենայնիվ, հեռացավ ոչ առանց ապլոմբի։
 +
 +
Նոր պարոնը բարձրահասակ էր, մոտ հիսունհինգ տարեկան, գուցե և ավելի, բավականին դեր, խիտ ալեխառն այտամորուսներով շրջանակված կարմրաբոսոր, մսեղ ու թոռոմած դեմքով, բեղավոր էր, խոշոր, բավականին դուրս պրծած աչքերով։ Կազմվածքը բավական հոյատեսիլ կլիներ, եթե նրանում ինչ֊որ ընկած, մաշված, նույնիսկ կեղտոտված բան չլիներ։ Նա հագել էր մի հին սերթուկ, համարյա քրքրված արմունկներով, սպիտակեղենը նույնպես աղտոտված էր, տնավարի։ Մոտիկից մի քիչ օղու հոտ էր փչում նրանից, բայց մաներան տպավորիչ էր, փոքր֊ինչ սերտած և արժանապատվությամբ զարմացնելու նկատելի ցանկությամբ։ Պարոնը մոտեցավ իշխանին, անշտապ, սիրալիր ժպիտով, լուռ բռնեց նրա ձեռքը և, պահելով իր ձեռքում, միառժամանակ ուշադիր նայում էր նրա դեմքին, կարծես ճանաչելով ծանոթ դիմագծերը։
 +
 +
— Նա՜ է։ Նա՜ է,— կամացուկ, բայց հանդիսավոր ասաց նա։— Կարծես ողջ լինի։ Լսում եմ՝ կրկնում են ծանոթ ու թանկագին մի անուն, և մտաբերեցի անդառնալի անցյալը․․․ Իշխան Մի՞շկին...
 +
 +
— Ճիշտ այդպես։
 +
 +
— Գեներալ Իվոլգին, պաշտոնաթող և դժբախտ։ Ձեր անունն ու հայրանունը, համարձակվում եմ հարցնել։
 +
 +
— Լև Նիկոլաևիչ։
 +
 +
— Այդպես, այդպե՜ս։ Իմ բարեկամի, կարելի է ասել մանկության ընկերոջ, Նիկոլայ Պետրովիչի որդին։
 +
 +
— Իմ հոր անունը Նիկոլայ Լվովիչ էր։
 +
 +
— Լվովիչ,— խոսքն ուղղեց գեներալը, բայց առանց շտապելու, այլ լիակատար վստահությա մբ, կարծես նա ամենևին էլ չէր մոռացել, այլ միայն հանկարծ սխալվեց։ Նա նստեց և, նույնպես իշխանի ձեռքից բռնելով, նստեցրեց իր կողքին։― Ես ձեզ ձեռքերիս վրա եմ ման ածել։
 +
 +
— Մի՞թե,— հարցրեց իշխանը,― իմ հայրը արդեն քսան տարի է, ինչ մեռել է։
 +
 +
— Այո, քսան տարի, քսան տարի և երեք ամիս։ Միասին ենք սովորել, ես ուղղակի զինվորական...
 +
 +
— Այո, հայրս էլ է զինվորական եղել, պոդպորուչիկ էր Վասիլևյան գնդում։
 +
 +
— Բելոմորյան։ Բելոմորյան գունդ փոխադրվելը տեղի ունեցավ գրեթե մահվան նախօրեին։ Ես կանգնած էի կողքին և օրհնեցի նրան ի հավիտենություն։ Ձեր մայրիկը...
 +
 +
Գեներալը կանգ առավ, կարծես տխուր հիշողությունից մղված։
 +
 +
— Նա էլ կես տարի անց մեռավ մրսելուց,— ասաց իշխանը։
 +
 +
— Մրսելուց չէր։ Մրսելուց չէր, հավատացեք ծերուկիս։ Ես այնտեղ էի, ես նրան էլ եմ թաղել։ Իր իշխանին կորցնելու վշտից և ոչ թե մրսելուց։ Այո, հիշում եմ նաև իշխանուհուն։ Ջահելությո՜ւն։ Նրա պատճառով ես ու իշխանը, մանկության ընկերներ, քիչ մնաց իրար սպանեինք։
 +
 +
Իշխանն սկսել էր լսել որոշ թերահավատությամբ։
 +
 +
— Ես թունդ սիրահարված էի ձեր մայրիկին, երբ նա դեռևս հարսնացու էր, իմ ընկերոջ հարսնացուն։ Իշխանը նկատեց և ուղղակի շշմել էր։ Գալիս է առավոտյան ժամը յոթին ինձ մոտ, արթնացնում է։ Զարմացած հագնվում եմ, երկուստեք լռություն, ես ամեն ինչ հասկացա։ Գրպանից հանում է երկու ատրճանակ։ Թաշկինակի միջով։ Առանց վկաների։ Ինչի՞ համար են վկաները, երբ հինգ րոպե հետո իրար ուղարկում ենք հավիտենություն։ Ատրճանակները լցրինք, թաշկինակը ձգեցինք, կանգնեցինք, փոխադարձաբար ատրճանակները դրինք մեկմեկու սրտի և իրար երեսի էինք նայում։ Հանկարծ երկուսիս աչէերից էլ կարկուտի պես արցունքներ, ձեռքներս դողացին։ Երկուսինս էլ, երկուսինս էլ, միաժամանակ։ Դե, այստեղ, բնական է, գրկախառնություն և մեծահոգության փոխադարձ պայքար։ Իշխանը բղավում է՝ քո՜նն է։ Ես բղավում եմ՝ քո՜նն է։ Մի խոսքով․․․ մի խոսքով... դուք եկել եք մեզ մոտ․․․ ապրելո՞ւ։
 +
 +
— Այո, գուցե մի որոշ ժամանակ,— ասաց իշխանը կարծես մի քիչ կակազելով։
 +
 +
— Իշխան, մայրիկս ձեզ խնդրում է իր մոտ,— դռնից ներս նայելով բղավեց Կոլյան։ Իշխանը տեղից շարժվեց, որ գնա, բայց գեներալը աջ ափը դրեց նրա ուսին և մտերմաբար նրան կրկին թեքեց դեպի բազմոցը։
 +
 +
— Որպես ձեր հոր իսկական բարեկամը, ուզում եմ նախազգուշացնել,— ասաց գեներալը,— ես, ինչպես ինքներդ տեսնում եք, տուժել եմ, մի ողբերգական աղետից, բայց առանց դատի՜։ Առա՜նց դատի։ Նինա Ալեքսանդրովնան հազվագյուտ կին է։ Վարվառա Արդալիոնովնան, իմ աղջիկը հազվագյուտ դուստր։ Հանգամանքների բերումով վարձու բնակարաններ ենք պահում՝ անլուր անկո՜ւմ։ Ինձ, որ մնում էր գեներալ֊նահանգապետ լինել․․․ Բայց ձեզ համար մենք միշտ ուրախ ենք։ Այնինչ իմ տանը ողբերգություն կա։
 +
 +
Իշխանը նայում էր հարցական և մեծ հետաքրքրությամբ։
 +
 +
— Պատրաստվում է ամուսնություն, և հազվադեպ ամուսնություն։ Երկդիմի կնոջ և մի երիտասարդի, որը կարող էր կամեր֊յունկեր լինել։ Այդ կնոջը կբերեն մի տուն, որտեղ իմ աղջիկն է և իմ կինը։ Բայց քանի դեռ ես շնչում եմ, նա ներս չի մտնի։ Ես կպառկեմ շեմքին, և թող իմ վրայով անցնի... Գանյայի հետ ես հիմա գրեթե չեմ խոսում, նույնիսկ խուսափում եմ հանդիպելուց։ Ես ձեզ հատուկ զգուշացնում եմ. եթե մեր տանն ապրելու լինեք, միևնույն է, առանց այդ էլ վկա կլինեք։ Բայց դուք իմ ընկերոջ որդին եք, և ես իրավունք ունեմ հուսալու...
 +
 +
— Իշխան, շնորհ արեք, անցեք ինձ մոտ հյուրասենյակ,— կանչեց Նինա Ալեքսանդրովնան, որն արդեն ինքն էր հայտնվել դռան մոտ։
 +
 +
— Պատկերացրու, բարեկամս,— բղավեց գեներալը,— բանից դուրս է դալիս, որ ես իշխանին իմ ձեռների վրա եմ ման ածել։
 +
 +
Նինա Ալեքսանդրովնան կշտամբալից նայեց գեներալին և փորձող հայացքով՝ իշխանին, բայց ոչ մի խոսք չասաց։ Իշխանը գնաց նրա հետևից. բայց հենց նոր էին նրանք հյուրասենյակ եկել ու նստել, իսկ Նինա Ալեքսանդրովնան հենց նոր էր սկսել շատ շտապ և կիսաձայն ինչ֊որ բան հայտնել իշխանին, երբ հանկարծ գեներալն ինքը շնորհ բերեց հյուրասենյակ։ Նինա Ալեքսանդրովնան անմիջապես լռեց և նկատելի սրտնեղությամբ գլուխը թեքեց իր գործվածքի վրա։ Գեներալը գուցե և նկատեց այդ սրտնեղությունը, բայց շարունակում էր մնալ հիանալի տրամադրությամբ։
 +
 +
— Իմ ընկերոջ որդի՜ն է,— բացականչեց նա, դիմելով Նինա Ալեքսանդրովնային,— և այսպես անսպասելի՜։ Ես վաղուց արդեն դադարել էի նույնիսկ պատկերացնել։ Բայց, բարեկամս, մի՞թե դու չես հիշում հանգուցյալ Նիկոլայ Լվովիչին։ Դու դեռ նրան տեսար․․․ Տվերում։
 +
 +
— Ես չեմ հիշում Նիկոլայ Լվովիչին։ Դա ձեր հա՞յրն է,— հարցրեց նա իշխանին։
 +
 +
— Հայրս է, բայց նա մեռել է, կարծեմ, ոչ թե Տվերում, այլ Ելիսավետգրադում,— երկչոտ նկատեց իշխանը գեներալին։— Ես Պավլիշչևից եմ լսել․․․
 +
 +
— Տվերում,— պնդեց գեներալը,— մահվանից անմիջապես առաջ փոխադրեցին Տվեր, և նույնիսկ հիվանդությունը սաստկանալուց առաջ։ Դուք դեռ շատ փոքր էիք և չէիք կարող հիշել ոչ փոխադրումը, ոչ ճանապարհորդությունը, իսկ Պավլիշչևը կարող էր սխալվել, թեև սքանչելի մարդ էր։
 +
 +
— Դուք Պավլիշչևի՞ն էլ էիք ճանաչում։
 +
 +
— Հազվագյուտ մարդ էր, բայց ես անձամբ վկա եմ եղել։ Ես օրհնել եմ նրան մահվան մահճում...
 +
 +
— Չէ՞ որ իմ հայրը մեռել է դատի տակ լինելով,― նորից նկատեց իշխանը,— թեպետև ես երբեք չեմ կարողացել իմանալ, թե ինչի համար․ նա մեռել է հոսպիտալում։
 +
 +
— Օ, դա շարքային Կոլպակովի գործով էր և, անկասկած, իշխանը կարդարացվեր։
 +
 +
— Այդպե՞ս է։ Դուք հաստա՞տ դիտեք,— հարցրեց իշխանը առանձնահատուկ հետաքրքրությամբ։
 +
 +
— Հարկա՛վ,— բդավեց գեներալը։— Դատարանը ցրվեց առանց ոչինչ վճռելու։ Անհնար գործ էր։ Կարելի է ասել, նույնիսկ խորհրդավոր գործ էր. մեռնում է շտաբս-կապիտան Լարիոնովը, վաշտի հրամանատարը, իշխանը ժամանակավորապես նշանակվում է պաշտոնակատար, լավ։ Շարքային Կոլպակովը գողություն է անում,— կոշկակարական ապրանքներ՝ իր ընկերոջից,— և օղու տալիս, լավ։ Իշխանը,— և ուշադրություն դարձրեք, դա լինում է ֆելդֆեբելի և կապրալի ներկայությամբ,— խիստ հանդիմանում է Կոլպակովին և սպառնում է ճիպոտահարել։ Շատ լավ։ Կոլպակովը գնում է զորանոցները, պառկում է թախտին և քառորդ ժամ հետո մեռնում։ Հիանալի, բայց անսպասելի գրեթե անհնարին դեպք։ Այսպես թե այնպես, բայց Կոլպակովին թաղում են. իշխանը զեկուցում է, և ապա Կոլպակովին ցուցակներից հանում են։ Թվում է, դրանից լավ ի՞նչ պիտի լիներ։ Բայց ուղիղ կես տարի հետո, բրիգադային զորատեսի ժամանակ, շարքային Կոլպակովը, ասես ոչինչ պատահած չլիներ, հայտնվում է նույն բրիգադի և նույն դիվիզիայի՝ Նովոզեմլյանսկի հետևակ գնդի երկրորդ գումարտակի երրորդ վաշտում։
 +
 +
— Ինչպե՜ս,— բղավեց իշխանը, զարմանքից իրեն կորցրած։
 +
 +
— Դա այդպես չէ, դա սխալ է,— հանկարծ դարձավ իշխանին Նինա Ալեքսանդրովնան, գրեթե անձկությամբ նայելով նրան։ Mon mari se trompe<ref>Ամուսինս սխալվում է (ֆրանս.):
 +
</ref>։
 +
 +
— Բայց բարեկամս, se trompe ասելը հեշտ է, բայց հապա ինքդ լուծիր նման դեպքը։ Բոլորը փակուղու առաջ կանգնեցին։ Ես առաջինը կասեի qu’on se trompe<ref>Որ սխալվում են (ֆրանս.)։
 +
</ref>։ Բայց, դժբախտաբար, ես վկա էի և ինքս մասնակցում էի հանձնաժողովին։ Բոլոր առերեսումները ցույց տվին, որ դա այն նույն, բոլորովին հենց այն նույն շարքային Կոլպակովն է, որը կես տարի առաջ թաղվել էր սովորական շքահանդեսով ու թմբկահարությամբ։ Իրոք հազվագյուտ, համարյա անհնարին դեպք է, համաձայն եմ, բայց...
 +
 +
— Հայրիկ, ձեզ համար սեղան են պատրաստել,— ազդարարեց Վարվառա Արդալիոնովնան, սենյակ մտնելով։
 +
 +
— Ա՜, դա հիանալի է, հրաշալի՜։ Ես էլ հենց քաղցել եմ... Բայց այդ դեպքը, կարելի է ասել, նույնիսկ հոգեբանական է...
 +
 +
— Սուպը նորից կսառչի,― անհամբերությամբ ասաց Վարյան։
 +
 +
— Իսկույն, իսկույն,― մրթմրթաց գեներալը, սենյակից դուրս գալով,— «և չնայած բոլոր տեղեկանքներին»,― դեռ լսվում էր միջանցքում։
 +
 +
— Դուք պետք է շատ բան ներեք Արդալիոն Ալեքսանդրովիչին, եթե մեզ մոտ մնալու լինեք,— ասաց Նինա Ալեքսանդրովնան իշխանին,― ասենք, նա ձեզ այնքան էլ չի անհանգստացնի․ նա ճաշում էլ է մենակ։ Համաձայնեցեք, ամեն ոք իր թերություններն ունի և իր... առանձնահատուկ գծերը, ուրիշները թերևս ավելի, քան նրանք, ում սովորել են մատով ցույց տալ։ Մի բան պիտի շատ խնդրեմ. եթե երբևէ ամուսինս ձեզ դիմի բնակարանի վարձի առիթով, նրան ասացեք, որ ինձ եք տվել։ Այսինքն՝ Արդալիոն Ալեքսանդրովիչին տվածն էլ կհաշվվեր, բայց սոսկ կարգուկանոնի համար խնդրում եմ ձեզ... Այդ ի՞նչ է, Վարյա։
 +
 +
Վարյան սենյակ վերադարձավ և լուռ մորը տվեց Նաստասյա Ֆիլիպովնայի պատկերը։ Նինա Ալեքսանդրովնան ցնցվեց և սկզբում կարծես թե վախեցած, իսկ հետո ճնշող դառն զգացմունքով որոշ ժամանակ դիտում էր այն։ Վերջապես հարցական նայեց Վարյային։
 +
 +
— Այսօր Գանյան նվեր է ստացել հենց նրանից,— ասաց Վարյան,— իսկ երեկոյան ամեն ինչ վճռվում է։
 +
 +
— Այսօր երեկոյան,― կարծես հուսահատությամբ կիսաձայն կրկնեց Նինա Ալեքսանդրովնան։— Էլ ինչ։ Այստեղ այլևս ոչ մի կասկած չկա և հույս էլ չի մնում, պատկերով ամեն ինչ ազդարարել է... Գանյան ի՞նքը քեզ ցույց տվեց, թե ինչպես,— ավելացրեց նա զարմանքով։
 +
 +
— Դուք գիտեք, որ արդեն մի ամիս է մենք համարյա մի խոսք չենք ասում իրար։ Պտիցինն ասաց ինձ ամեն ինչ, իսկ պատկերն այնտեղ, սեղանի մոտ արդեն հատակին էր գցած... ես բարձրացրի։
 +
 +
— Իշխան,— հանկարծ նրան դիմեց Նինա Ալեքսանդրովնան,— ես ուզում էի ձեզ հարցնել (իսկապես հենց դրա համար էլ խնդրեցի, որ այստեղ գաք), վաղո՞ւց եք ճանաչում իմ որդուն։ Նա ասում էր, կարծեմ, որ դուք այսօր եք եկել ինչ֊որ տեղից։
 +
 +
Իշխանը կարճառոտ բացատրություն տվեց իր մասին, մեծ մասը բաց թողնելով։ Նինա Ալեքսանդրովնան և Վարյան ականջ դրին։
 +
 +
— Ես ձեզնից խոսք դուրս չեմ քաշում Գավրիլա Արդալիոնովիչի մասին, ձեզ հարցուփորձ անելով,— նկատեց Նինա Ալեքսանդրովնան, դուք չպետք է սխալվեք այդ առթիվ։ Եթե որևէ բան կա, որ նա ինքը չի կարող խոստովանել, այդ բանը ես ինքս էլ չեմ ուղում իմանալ զարտուղի ճանապարհով։ Նրա համար եմ ասում, որ քիչ առաջ ձեր ներկայությամբ, իսկ հետո, երբ գնացիք, ձեր մասին տված իմ հարցին Գանյան պատասխանեց. «Նա ամեն ինչ գիտի, քաշվելու կարիք չկա»։ Դա ի՞նչ է նշանակում։ Այսինքն՝ ես կուզենայի իմանալ, ի՞նչ չափով․․․
 +
 +
Հանկարծ ներս մտան Գանյան և Պտիցինը․ Նինա Ալեքսանդրովնան իսկույն ձայնը կտրեց։ Իշխանը մնաց նրա կողքի աթոռին նստած, իսկ Վարյան մի կողմ քաշվեց. Նաստասյա Ֆիլիպովնայի պատկերը ընկած էր ամենաաչքի ընկնող տեղում, Նինա Ալեքսանդրովնայի գործասեղանի վրա, ուղիղ նրա առաջ։ Գանյան դա տեսնելով խոժոռվեց, սրտնեղած վերցրեց և նետեց սենյակի մյուս ծայրում դրած իր գրասեղանին։
 +
 +
— Այսօ՞ր, Գանյա,― հարցրեց հանկարծ Նինա Ալեքսանդրովնան։
 +
 +
— Ի՞նչը այսօր,— ցնցվեց Գանյան և հանկարծ հարձակվեց իշխանի վրա։— Ա՜, հասկանում եմ, դուք արդեն այստեղ էլ... Վերջապես սա ի՞նչ է, դուք այդպիսի հիվանդությո՞ւն ունեք։ Զսպել չե՞ք կարող ձեզ։ Դե վերջապես հասկացեք, ախր, ձերդ պայծառափայլություն...
 +
 +
— Այստեղ ես եմ մեղավոր, Գանյա, և ուրիշ ոչ ոք,— նրա խոսքը կտրեց Պտիցինը։
 +
 +
Գանյան հարցական նայեց նրան։
 +
 +
— Բայց ախր սա ավելի լավ է, Գանյա, մանավանդ որ մի կողմից էլ, գործն ավարտված է,— քրթմնջաց Պտիցինր և, մի կողմ քաշվելով, նստեց սեղանի մոտ, գրպանից մատիտով գրոտած մի թուղթ հանեց և սկսեց ուշադիր զննել։ Գանյան կանգնել էր մռայլված և անհանգստությամբ սպասում էր ընտանեկան տեսարանի։ Նրա մտքովն էլ չանցավ իշխանից ներողություն խնդրել։
 +
 +
— Եթե ամեն ինչ ավարտված է, ապա, իհարկե, Իվան Պետրովիչն իրավացի է,— ասաց Նինա Ալեքսանդրովնան,— մի խոժոռվիր, խնդրեմ, և մի գրգռվիր, Գանյա, ես ոչ մի բան չեմ հարցնի, ինչ որ ինքդ չես ուզում ասել, և հավատացնում եմ քեզ, որ լիովին հնազանդվել եմ, շնորհ, արա, մի անհանգստացիր։
 +
 +
Նա այդ ասաց առանց գործից կտրվելու և, կարծես, իրոք հանգիստ։ Գանյան զարմացած էր, բայց զգուշաբար լռում էր ու նայում էր մորը, սպասելով, որ նա ավելի պարզ արտահայտվի։ Ընտանեկան տեսարանները շատ թանկ էին նստում նրա վրա։ Նինա Ալեքսանդրովնան նկատեց այդ զգուշությունը և դառն ժպիտով ավելացրեց.
 +
 +
— Դու դեռ շարունակում ես կասկածել և ինձ չես հավատում, մի անհանգստացիր, չի լինի ոչ արցունք, ոչ խնդրանք, ինչպես առաջ էր, համենայն դեպս, իմ կողմից։ Իմ ամբողջ ցանկություն այն է, որ դու երջանիկ լինես, և դու այդ գիտես. ես հնազանդվել եմ ճակատագրին, բայց իմ սիրտը միշտ քեզ հետ կլինի, միասին մնանք, թե բաժանվենք։ Հասկանալի է, ես պատասխանատու եմ միայն իմ կողմից, դու չես կարող նույնը պահանջել քրոջիցդ․․․
 +
 +
— Ա՜, դարձյալ նա,— բղավեց Գանյան, ծաղրաբար ու ատելությամբ նայելով քրոջը։— Մայրիկ, երդվում եմ ձեզ կրկին, ինչ խոսք որ արդեն տվել եմ ձեզ, ոչ ոք և երբեք չի համարձակվի ձեզ անտեսել, քանի դեռ այստեղ եմ, քանի դեռ ողջ եմ։ Խոսքը ում մասին էլ որ լինի, ով էլ անցնելու լինի մեր շեմքը, ես կպնդեմ, որ լիակատար հարգանք լինի դեպի ձեզ։
 +
 +
Գանյան այնպես էր ուրախացել, որ դրեթե հաշտվողաբար, գրեթե քնքուշ նայում էր մորը։
 +
 +
— Ես երբեք էլ ինձ համար չեմ վախեցել որևէ բանից, Գանյա, դու գիտես. ես իմ մասին չէի անհանգստանում ու տանջվում այս ամբողջ ժամանակ։ Ասում են, այսօր ամեն ինչ վերջացնում եք։ Ի՞նչն եք վերջացնում։
 +
 +
— Այսօր երեկոյան, իր տանը, նա խոստացել է հայտարարել՝ համաձա՞յն է, թե ոչ,— պատասխանեց Գանյան։
 +
 +
— Մենք համարյա երեք շաբաթ խուսափում էինք այս մասին խոսելուց, և դա լավ էր։ Հիմա, երբ արդեն ամեն ինչ վերջացած է, ես միայն ինձ մի բան թույլ կտամ հարցնել, նա ինչպե՞ս կարող էր քեզ համաձայնություն տալ, նույնիսկ իր պատկերը նվիրել, երբ դու նրան չես սիրում։ Մի՞թե դու նրան, այդպիսի... այդպիսի․․․
 +
 +
— Դե, փորձված մեկի՞ն, թե ինչ։
 +
 +
— Ես այդ չէի ուզում ասել։ Մի՞թե դու այդ աստիճան կարող էիր նրան խաբել։
 +
 +
Այդ հարցի մեջ հանկարծ արտասովոր գրգռվածություն լսվեց։ Գանյան մի քիչ կանգ առավ, րոպեաչափ մտածեց և, առանց թաքցնելու ծաղրանքը, ասաց.
 +
 +
— Դուք տարվեցիք, մայրիկ, և նորից չհամբերեցիք, և ահա միշտ այդպես էր ձեզ մոտ սկսվում ու բորբոքվում։ Դուք ասացիք՝ չեն լինի ոչ հարցուփորձ, ոչ կշտամբանքներ, իսկ դրանք արդեն սկսվեցին։ Լավ է՝ թողնենք, իսկապես, թողնենք, համենայն դեպս դուք մտադիր էիք․․․ Ես երբեք և ոչ մի գնով ձեզ չեմ լքի․ մեկ ուրիշը առնվազն կփախչեր այդպիսի քրոջից,― մի տեսե՛ք, հիմա նա ինչպես է նայում ինձ։ Սրանով վերջացնենք։ Ես արդեն այնպես ուրախացել էի... Եվ որտեղի՞ց գիտեք, թե ես խաբում եմ Նաստասյա Ֆիլիպովնային։ Իսկ ինչ վերաբերում է Վարյային, ինչպես կուզի, և՝ բավական է։ Դե, հիմա արդեն բոլորովին վերջ։
 +
 +
Գանյան գնալով տաքանում էր ամեն խոսքի հետ և աննպատակ քայլում սենյակում։ Այդպիսի խոսակցությունները անմիջապես դառնում էին ընտանիքի բոլոր անդամների ցավոտ տեղը։
 +
 +
— Ես ասել եմ, որ եթե նա այստեղ մտնի, ապա ես դուրս կգամ այստեղից և նույնպես խոսքս կկատարեմ,— ասաց Վարյան։
 +
 +
— Կամակորությունի՜ց,― բղավեց Գանյան։— Հենց կամակորությունից էլ չես ամուսնանում։ Ի՞նչ ես ինձ վրա փնչացնում։ Չէ՞ որ ինձ համար միևնույնն է, Վարվառա Արդալիոնովնա. կամենաք՝ հենց հիմա իրագործեք ձեր մտադրությունը։ Դուք արդեն իմ զահլան շատ եք տարել։ Ինչպե՜ս։ Դուք վերջապես սիրտ եք անում մեզ մենակ թողնել, իշխան,— բղավեց նա իշխանին, տեսնելով, որ սա տեղից վեր է կենում։
 +
 +
Գանյայի ձայնի մեջ արդեն լսվում էր այնպիսի գրգռվածություն, երբ մարդ համարյա ինքը ուրախ է այդ գրգռվածության համար, անզուսպ կերպով անձնատուր է լինում դրան համարյա աճող բավականությամբ, մինչև ուր էլ դա հասցնելու լինի։ Իշխանը դռան մեջ շուռ եկավ, որ մի բան պատասխանի, բայց իրեն վիրավորողի հիվանդագին դեմքից տեսնելով, որ այստեղ պակասում է միայն մի կաթիլ, որ անոթը բերնեբերան լցվի, շրջվեց ու լուռ դուրս եկավ։ Մի քանի րոպե անց հյուրասենյակից հասնող ձայներից հասկացավ, որ խոսակցությունը իր բացակայությամբ ավելի աղմկալի ու բացահայտ է դարձել։
 +
 +
Նա դահլիճով անցավ նախասենյակ, որպեսզի ընկներ միջանցք, իսկ այդտեղից՝ իր սենյակը։
 +
 +
Դեպի սանդուղք բացվող ելքի դռան մոտից անցնելով, նա լսեց ու նկատեց, որ դռան հետև մեկը ամբողջ ուժով ջանում է զանգը քաշել, բայց, ըստ երևույթին, գանգի մեջ մի բան փչացել էր, նա միայն հազիվհազ ցնցվում էր, բայց ձայն չէր հանում։ Իշխանը փակը հանեց, դուռը բաց արեց և զարմացած ընկրկեց, նույնիսկ ամբողջ մարմնով ցնցվեց, նրա առաջ կանգնած էր Նաստասյա Ֆիլիպովնան։ Իշխանն անմիջապես ճանաչեց նրան պատկերի շնորհիվ։ Նրա աչքերը փայլատակեցին զայրույթի բռնկումով, երբ տեսավ իշխանին, նա արագ մտավ նախասենյակ, ուսով ճանապարհից հրելով իշխանին, և մուշտակը վրայից հանելով, ցասկոտ ասաց.
 +
 +
— Եթե ալարում ես զանգակը սարքել, գոնե նախասենյակում նստեիր, երբ դուռը ծեծում են։ Ըհը, հիմա էլ մուշտակս ցած գցեց, դմբո՛։
 +
 +
Մուշտակն, իրոք, ընկած էր հատակին. Նաստասյա Ֆիլիպովնան, չսպասելով, որ իշխանը հաներ մուշաակը նրա վրայից, ինքը նետեց նրա ձեռքերին, առանց նայելու, հետևից, բայց իշխանը չհասցրեց բռնել։
 +
 +
— Քեզ վռնդել է պետք։ Գնա, զեկուցիր։
 +
 +
Իշխանն ուզեց մի բան ասել, բայց այն աստիճան շփոթվել էր, որ ոչինչ չասաց ու մուշտակը ձեռքին, որ բարձրացրել էր հատակից, գնաց հյուրասենյակ։
 +
 +
— Ըհը, հիմա էլ մուշտակը ձեռքի՜ն է գնում։ Մուշտա՞կն ինչու ես տանում։ Հա՜-հա՜֊հա՜։ Դու խելագա՞ր ես, ինչ է։
 +
 +
Իշխանը վերադարձավ և արձանացած նայում էր Նաստասյա Ֆիլիպովնային, երբ նա ծիծաղեց, ծիծաղեց նաև իշխանը, բայց դեռ չէր կարող լեզուն շարժել։ Առաջին վայրկյանին, երբ նրա առաջ դուռը բացեց, իշխանը գունատ էր, հիմա հանկարծ ամբողջ դեմքը շառագունեց։
 +
 +
― Այս ի՞նչ ապուշ է,— զայրացած բացականչեց Նաստասյա Ֆիլիպովնան, ոտքը դոփելով։— Դե ո՞ւր ես գնում։ Ո՞ւմ ես զեկուցելու։
 +
 +
— Նաստասյա Ֆիլիպովնա,— քրթմնջաց իշխանը։
 +
 +
— Դու ինձ որտեղի՞ց գիտես,— արագ հարցրեց Նաստասյա Ֆիլիպովնան իշխանին,— ես քեզ երբեք չեմ տեսել։ Գնա, զեկուցիր... այդ ի՞նչ բղավոց է այնտեղ։
 +
 +
— Կռվում են,— պատասխանեց իշխանն ու գնաց հյուրասենյակ։
 +
 +
Նա ներս մտավ բավական վճռական րոպեին․ Նինա Ալեքսանգրովնան արդեն պատրաստ էր բոլորովին մոռանալու, որ ինքը «ամեն ինչի հնազանդվել է». ի դեպ, նա պաշտպանում էր Վարյային։ Վարյայի կողքին կանգնել էր և Պտիցինը, արդեն մի կողմ թողած մատիտով գրոտած իր թղթիկը՝ Վարյան ինքն էլ չէր վեհերում, և առհասարակ վեհերոտներից չէր այդ օրիորդը, բայց եղբոր կոպտությունները գնալով ավելի անքաղաքավարի ու անտանելի էին դառնում։ Այդպիսի դեպքերում Վարյան սովորաբար դադարում էր խոսելուց և միայն լուռ, ծաղրաբար նայում էր եղբորը, աչքը նրանից չհեռացնելով։ Այդ մանևրը, ինչպես գիտեր, ընդունակ էր եղբորը հանել վերջին սահմաններից։ Հենց այդ րոպեին էր, որ իշխանը ոտքը դրեց սենյակ ու ազդարարեց.
 +
 +
— Նաստասյա Ֆիլի՜պովնան։
 +
 +
===IX===
 +
 +
Տիրեց ընդհանուր լռություն. բոլորը նայում էին իշխանին, կարծես չհասկանալով նրան և չուզելով հասկանալ։ Գանյան վախից քարացավ։
 +
 +
Նաստասյա Ֆիլիպովնայի գալուստը, և հատկապես այն րոպեին, բոլորի համար ամենատարօրինակ ու հոգսաշատ անսպասելիություն էր։ Հենց թեկուզ այն, որ Նաստասյա Ֆիլիպովնան շնորհ էր բերում առաջին անգամ, մինչև հիմա նա իրեն այնքան գոռոզ էր պահում, որ Գանյայի հետ խոսելիս նույնիսկ ցանկություն չէր հայտնում ծանոթանալու նրա հարազատների հետ, իսկ ամենավերջին ժամանակ նույնիսկ բոլորովին չէր հիշատակում նրանց մասին, կարծես նրանք գոյություն չունեին աշխարհի երեսին։ Գանյան թեև մասամբ ուրախ էր, որ հեռանում էր իրեն գլխացավանք պատճառող այդպիսի խոսակցությունը, բայց և այնպես նրա այդ գոռոզությունը իր սրտում հաշվի էր առել։ Համենայն դեպս նրանից սպասում էր ավելի շուտ ծաղր ու խայթոցներ իր ընտանիքի հասցեին, և ոչ թե այցելություն. նա հաստատ գիտեր, որ Նաստասյա Ֆիլիպովնային հայտնի է ամեն բան, ինչ տեղի է ունենում Գանյայի տանը նրա նշանդրեքի կապակցությամբ և այն, թե ինչ հայացքով են նայում Նաստասյա Ֆիլիպովնային Գանյայի հարազատները։ Նրա այցելությունը, _հիմա_, պատկերը ներելուց հետո և իր ծննդյան օրը, այն օրը, երբ նա խոստացել էր վճռել Գանյայի բախտը, նշանակում էր համարյա բուն այդ վճիռը։
 +
 +
Տարակուսանքը, որով բոլորը նայում կին իշխանին, երկար չտևեց. Նաստասյա Ֆիլիպովնան հյուրասենյակի դռանը հայտնվեց ինքը, և նորից, սենյակ մտնելիս, թեթևակի բոթեց իշխակին։
 +
 +
— Վերջապես հաջողվեց ներս մտնել... այդ ինչո՞ւ եք զանգակը կապում,— զվարթ ասաց նա, ձեռքը մեկնելով Գանյային, որը թափով նետվեց դեպի նա։— Այդ ինչո՞ւ է ձեր դեմքն այդպես այլայլված։ Դե, ծանոթաքրեք ինձ, խնդրեմ...
 +
 +
Գլուխը բոլորովին կորքրած՝ Գանյան նրան ներկայաքրեց նախ Վարյային, և երկու կանայք, նախքան ձեռք կմեկնեին միմյանց, տարօրինակ հայացքներ փոխանակեցին։ Նաստասյա Ֆիլիպովնան, ասենք, ծիծաղում էր և քողարկվում էր ուրախությամբ, բայց Վարյան չէր ուզում քողարկվել և նայում էր մռայլ ու անքթիթ, նույնիսկ ժպիտի նշույլ, որ արդեն պահանջում էր ուղղակի քաղաքավարությունը, չերևաց նրա դեմքին։ Գանյան քարաքավ. համոզելն արդեն ավելորդ էր և ժամանակ չկար, և նա Վարյայի վրա մի այնպիսի սպառնալից հայացք գքեց, որ սա այդ հայացքի ուժից հասկացավ, թե եղբոր համար ինչ արժեր այդ րոպեն։ Այստեղ նա, կարծես, որոշեց զիջել նրան և թեթևակի ժպտաց Նաստասյա Ֆիլիպովնային։ (Նրանք ընտանիքում բոլորը դեռևս շատ էին սիրում միմյանց)։ Գործը որոշ չափով շտկեց Նինա Ալեքսանդրովնան, որին Գանյան, վերջնականապես շփոթվելով, ներկայաքրեց քրոջից հետո և նույնիսկ առաջինը նրան մոտ տարավ Նաստասյա Ֆիլիպովնային։ Բայց հազիվ էր Նինա Ալեքսանդրովնան հասցրել իր «առանձնահատուկ բավականության» մասին սկսել, երբ Նաստասյա Ֆիլիպովնան, մինչև վերջ չլսելով նրան, արագ դարձավ Գանյային և, նստելով (դեռևս առանց հրավերի) լուսամուտի անկյունում դրած փոքրիկ բազմոցին, բաքականչեց.
 +
 +
— Իսկ ո՞ւր է ձեր կաբինետը։ Եվ... և ո՞ւր են կենվորները։ Չէ՞ որ դուք կենվորներ եք պահում։
 +
 +
Գանյան սարսափելի շիկնեց և կակազելով ինչ-որ բան ուզեց պատասխանել, բայց Նաստասյա Ֆիլիպովնան անմիջապես ավելացրեց.
 +
 +
― Որտե՞ղ կարելի է այստեղ կենվորներ պահել։ Դուք կաբինետ էլ չունեք, իսկ դա ձեռնատո՞ւ է,— հանկարծ դարձավ նա Նինա Ալեքսանդրովնային։
 +
 +
― Մի քիչ հոգսաշատ է,— պատասխանեց նա,— իհարկե, օգուտ պետք է լինի։ Ի դեպ, մենք դեռ նոր ենք...
 +
 +
Բայց Նաստասյա Ֆիլիպովնան արդեն նորից չէր լսում, նա նայում էր Գանյային, ծիծաղում ու բղավում նրան.
 +
 +
― Այդ ի՞նչ դեմք ունեք։ Օ, աստված իմ, ի՜նչ դեմք է այս րոպեիս ձեր դեմքը։
 +
 +
Անցավ այդ ծիծաղի մի քանի վայրկյանը, և Գանյայի դեմքն իրոք շատ աղավաղվեց. նրա փայտացումը, նրա կոմիկական, վեհերոտ շփոթվածությունը հանկարծ չքացավ, բայց նա սարսափելի գունատվեց, շրթունքները ջղաձգությունից ծռմռվեցին, նա լուռ, սևեռուն ու վատ հայացքով, անքթիթ նայում էր իր հյուրի երեսին, որը շարունակում էր ծիծաղել։
 +
 +
Այստեղ մի ուրիշ դիտող էլ կար, որը Նաստասյա Ֆիլիպովնային տեսնելով, նույնպես դեռ չէր սթափվել իր համարյա քպրացած վիճակից, բայց նա թեև «գերանի պես» տնկված էր իր առաջվա տեղում, հյուրասենյակի դռան մեջ, այնուամենայնիվ կարողացավ նկատել Գանյայի դալկությունն ու դեմքի չարորակ փոփոխությունը։ Այդ դիտորդը իշխանն էր։ Համարյա վախեցած, նա հանկարծ մեքենայորեն առաջ շարժվեց։
 +
 +
— Ջուր խմեցեք,— շշնջաց նա Գանյային։— Եվ այդպես մի նայեք...
 +
 +
Երևում էր, որ նա այդ ասաց առանց որևէ հաշվի, առանց որևէ հատուկ մտքի, առաջին մղումով, բայց նրա բառերը արտակարգ ազդեցություն գործեցին։ Թվում է, Գանյայի ողջ զայրույթը հանկարծ շուռ եկավ իշխանի վրա. նա բռնեց իշխանի ուսը և նայում էր նրան լուռ, քինոտ ու ատելությամբ, կարծես անկարող մի բառ արտասանելու։ Ընդհանուր հուզում առաջացավ, Նինա Ալեքսանդրովնան նույնիսկ թեթևակի ճիչ արձակեց, Պտիցինը անհանգստացած առաջ շարժվեց, դռան մեջ հայտնված Ֆերդիշչենկոն ու Կոլյան զարմացած կանգ առան, միայն Վարյան էր առաջվա պես նայում աչքի տակով, բայց ուշադիր հետևելով։ Նա չէր նստել, այլ կանգնած էր կողքանց, մոր մոտ, ձեռները կրծքին ծալած։
 +
 +
Բայը Գանյան իսկույն, համարյա իր շարժման առաջին իսկ րոպեին, սթափվեց և ջղային քրքջաց։ Նա լիովին ուշքի եկավ։
 +
 +
— Այդ ի՞նչ է, իշխան, դուք բժի՞շկ եք,— բացականչեց նա որքան կարող էր ուրախ ու պարզասիրտ,— նույնիսկ վախեցրեց ինձ. Նաստասյա Ֆիլիպովնա, կարելի է ներկայացնել ձեզ, սա չափազանց թանկագին սուբյեկտ է, թեև ես ինքս էլ ընդամենը այս առավոտվանից եմ ծանոթ։
 +
 +
Նաստասյա Ֆիլիպովնան տարակուսած նայում էր իշխանին։
 +
 +
— Իշխա՞ն։ Նա իշխա՞ն է։ Երևակայեցեք, իսկ ես քիչ առաջ, նախասենյակում, նրան լակեյի տեղ դրի և ուղարկեցի այստեղ ղեկուցելու։ Հա՜֊հա՜֊հա՜։
 +
 +
— Վնաս չունի, վնաս չունի,— վրա բերեց Ֆերդիշչենկոն, հապճեպ մոտ գալով և ուրախանալով, որ սկսեցին ծիծաղել,— վնաս չունի, se non è vero...<ref>Եթե նույնիսկ սխալ է (ֆրանս․)։</ref>
 +
 +
— Եվ նույնիսկ, կարծեմ, հայհոյեցի ձեզ, իշխան։ Ներեցեք, խնդրեմ։ Ֆերդիշչենկո, դո՞ւք ինչպես եք այստեղ հայտնվել այս ժամին։ Ես կարծում էի, գոնե ձեզ այստեղ չեմ գտնի։ Ո՞վ է։ Ի՞նչ իշխան։ Մի՞շկին,— կրկին հարցրեց նա Գանյային, որն այդ ժամանակ դեռ շարունակում էր բռնել իշխանի ուսը, և կարողացել էր ներկայացնել նրան։
 +
 +
— Մեր կենվորն է,— կրկնեց Գանյան։
 +
 +
Ակներևաբար իշխանին ներկայացնում էին որպես ինչ֊որ հազվագյուտ (և բոլորի համար կեղծ վիճակից դուրս գալու համար պետքական) բան, համարյա խոթում էին դեպի Նաստասյա Ֆիլիպովնան, իշխանը նույնիսկ պարզ լսեց «ապուշ» բառը, որն իր հետևում շշնջաց կարծես թե Ֆերդիշչենկոն, Նաստասյա Ֆիլիպովնային ի պարզաբանումն։
 +
 +
— Ասացեք, հապա ինչո՞ւ քիչ առաջ կարծիքս չփոխեցիք, երբ ես այնպես սարսափելի... սխալվեցի ձեր նկատմամբ,— շարունակում էր Նաստասյա Ֆիլիպովնան, անպատկառորեն ոտից գլուխ ուշադիր զննելով իշխանին. նա անհամբեր սպասում էր պատասխանի, կարծես լիովին համոզված, որ պատասխանն այնքան հիմար կլինի, որ անհնար կլինի չծիծաղել։
 +
 +
— Ես զարմացա, ձեզ այդպես հանկարծ տեսնելով քրթմնջաց իշխանը։
 +
 +
— Իսկ ինչպե՞ս իմացաք, որ այդ ես եմ։ Առաջ որտե՞ղ եք տեսել ինձ։ Այս ի՞նչ է, կարծես թե իրոք ես նրան մի տեղ տեսել եմ։ Եվ թույլ տվեք ձեզ հարցնել, ինչո՞ւ քիչ առաջ տեղում քարացաք։ Իմ մեջ ի՞նչ կա այդպես քարացնող։
 +
 +
— Դե, հը՛, դե՛,— շարունակում էր ծամածռություններ անել Ֆերդիշչենկոն,― դե, հը՛, դե։ Օ, տեր իմ, ինչեր ասես չէի ասի ես այդպիսի հարցին ի պատասխան։ Դե, հը՛․․․ Որ այդպես է, անտաշի մեկն ես դու, իշխան։
 +
 +
— Ես էլ ձեր տեղը լինեի, ինչեր ասես կասեի,— ծիծաղեց իշխանը Ֆերդիշչենկոյին,— քիչ առաջ ձեր նկարը ինձ զարմացրեց,― շարունակեց նա դառնալով Նաստասյա Ֆիլիպովնային,— հետո ձեր մասին Եպանիչինների հետ եմ խոսել... Իսկ վաղ առավոտյան, դեռ նախքան Պետերբուրգ մտնելս, գնացքում ձեր մասին շատ բաներ պատմեց Պարֆեն Ռոգոժինը․․․ Եվ այն րոպեին էլ, երբ դուռը բաց արի ձեր առաջ, նույնպես ձեր մասին էի մտածում, իսկ այդ ժամանակ հանկարծ հայտնվեցիք դուք։
 +
 +
— Իսկ ինչպե՞ս ճանաչեցիք, որ այդ ես եմ։
 +
 +
— Պատկերից և...
 +
 +
— Մեկ է՞լ։
 +
 +
— Մեկ էլ նրանից, որ ձեզ հենց այդպես էի պատկերացնում... Ես էլ կարծես մի տեղ տեսել եմ ձեզ։
 +
 +
— Որտե՞ղ։ Որտե՞ղ։
 +
 +
— Ես ձեր աչքերը իսկապես մի տեղ տեսել եմ... Բայց այդ չի կարող պատահել։ Ես դա այնպես... Ես այստեղ երբեք չեմ էլ եղել։ Գուցե երազում...
 +
 +
— Այ քեզ իշխա՜ն,— թզավեց Ֆերդիշչենկոն։― Ոչ, ես իմ se non è vero֊ն ետ եմ վերցնում։ Ի դեպ... ի դեպ, ախր այդ ամենը նա ասում է անմեղությունի՜ց,― ավելացրեց նա ափսոսանքով։
 +
 +
Իշխանն իր մի քանի նախադասությունն ասաց անհանգիստ ձայնով, ընդհատումներով և հաճախակի շունչը ետ բերելով։ Նրա մեջ ամեն ինչ արտահայտում էր անասելի հուզմունք։ Նաստասյա Ֆիլիպովնան նրան նայում էր հետաքրքրությամբ, բայց արդեն չէր ծիծաղում։ Հենց այդ րոպեին իշխանի ու Նաստասյա Ֆիլիպովնայի շուրջը խիտ խռնված բազմության հետևից լսվող մի նոր ու բարձր ձայն, այսպես ասած, ետ բացեց ամբոխին ու նրան բաժանեց երկու մասի։ Նաստասյա Ֆիլիպովնայի առաջ կանգնած էր ընտանիքի հայրն ինքը, գեներալ Իվոլգինը։ Նա ֆրակով ու մաքուր կրծկալով էր։ Բեղերը ներկած էին...
 +
 +
Դրան արդեն Գանյան չէր կարող դիմանալ։
 +
 +
Նա, որ կասկածամտության, սևամաղձության աստիճան ինքնասեր ու սնափառ էր, որ այս ամբողջ երկու ամիսը գեթ որևէ հենակետ էր որոնում, որի վրա կարողանար հենվել որքան կարելի է վայելուչ և իրեն ներկայացնել որքան կարելի է ազնիվ, որ զգում էր, թե իր ընտրած ուղու մեջ դեռ նորելուկ է և, թերևս, չդիմանա. վերջապես, որ իր տանը, որտեղ բռնակալ էր, հուսահատությունից վճռել էր լինել լիակատար լկտի, բայց չէր համարձակվում սիրտ անել Նաստասյա Ֆիլիպովնայի առաջ, որը մինչև վերջին րոպեն նրան մոլորեցնում էր և անողոքաբար գերակշռությունն իր ձեռքին պահում, որ «անհամբեր աղքատ» էր հենց Նաստասյա Ֆիլիպովնայի արտահայտությամբ, որը արդեն հասցրել էին Գանյայի ականջին, նա, որ երդվել էր բոլոր երդումներով հետագայում այդ բոլորը մի լավ հիշեցնել Նաստասյա Ֆիլիպովնային և միաժամանակ երբեմն ինքն իր մեջ երեխայաբար երազում էր ծայրերը միացնել ու հաշտեցնել բոլոր հակասությունները, նա հիմա պիտի ճաշակեր այդ սարսափելի բաժակը ևս, և, գլխավորը, մի այնպիսի՜ րոպե։ Եվս մի չնախատեսված, բայց ամենասարսափելի խոշտանգում սնափառ մարդու համար. նրան բաժին ընկավ իր իսկ տանը իր հարազատների համար շիկնելու տանջանքը։ «Վերջապես, արժե՞ արդյոք այս ամենին վարձատրությունն ինքը»,— այդ վայրկյանին անցավ Գանյայի մտքով։
 +
 +
Հենց այդ րոպեին տեղի էր ունենում այն, ինչ այդ երկու ամիսը նա տեսնում էր երազում միայն գիշերները, կոշմարի ձևով և սարսափից սառեցնում, ամոթից այրում. վերջապես տեղի ունեցավ իր ծնողի և Նաստասյա Ֆիլիպովնայի ընտանեկան հանդիպումը։ Նա երբեմն ծաղրելով ու գրգռելով իրեն, փորձում էր պատկերացնել գեներալին ամուսնական ծիսակատարության ժամանակ, բայց երբեք ընդունակ չէր լինում մինչև վերջ հասցնել տանջալից պատկերը և շուտով մի կողմ էր նետում։ Գուցե նա անսահման չափազանցնում էր դժբախտությունը, բայց սնափառ մարդկանց մոտ միշտ այդպես է լինում։ Այդ երկու ամսում երկար խորհելուց հետո նա կարողացել էր որոշում ընդունել և իրեն խոսք էր տվել ինչպես ուզում է լինի՝ մի կերպ կրճատել իր ծնողին, թեկուզ առժամանակ, և եթե հնարավոր է, նույնիսկ ստիպել, որ հեռանա Պետեբբուրգից, մայրը դրան համաձայն լինի, թե ոչ։
 +
 +
Տասը րոպե առաջ, երբ ներս մտավ Նաստասյա Ֆիլիպովնան, նա այնպես էր զարմացել ու շշմել, որ բոլորովին մոռացել էր Արդալիոն Ալեքսանդրովիչի՝ այստեղ հայտնվելու հնարավորությունը և ոչ մի կարգադրություն չէր արել։ Եվ ահա գեներալն այստեղ է, բոլորի առաջ, այն էլ հանդիսավոր ձևով պատրաստված և ֆրակով, և հենց այն ժամանակ, երբ Նաստասյա Ֆիլիպովնան «միայն առիթ է որոնում, որպեսզի Գանյայի ու նրա տնեցիների գլխին ծաղրանք տեղա»։ (Դրանում նա համոզված էր)։ Եվ իսկապես, ի՞նչ է նշանակում նրա այս այցելությունը, եթե ոչ ծաղր։ Նրա մոր և քրոջ հետ բարեկամանալո՞ւ, թե նրա իսկ տանը նրանց վիրավորելու է եկել։ Բայց նայելով, թե ինչպես էին տեղավորվել երկու կողմերը, արդեն կասկած լինել չէր կարող, նրա մայրն ու քույրը նստել էին մեկուսի վարկաբեկվածների պես, իսկ Նաստասյա Ֆիլիպովնան կարծես նույնիսկ մոռացել էր, որ նրանք իր հետ նույն սենյակում են... Եվ եթե իրեն այդպես է պահում, իհարկե, իր նպատակն ունի։
 +
 +
Ֆերդիշչենկոն բռնեց գեներալին ու մոտեցրեց նրան։
 +
 +
— Արդալիոն Ալեքսանդրովիչ Ւվոլգին,― արժանապատվությամբ արտասանեց առաջ խոնարհված ու ժպտացող գեներալը,— ծեր դժբախտ զինվոր և հայրն ընտանիքի, որը երջանիկ է իր մեջ առնել այսպիսի սքանչելի...
 +
 +
Նա չավարտեց․ Ֆերդիշչենկոն արագությամբ նրա հետևից մի աթոռ դրեց, և գեներալը, որի ոտները փոքր-ինչ թուլացած էին հետճաշյա այդ րոպեին, ուղղակի շրմփաց, կամ, ավելի լավ է ասել, ընկավ աթոռին, բայց դա, ի դեպ, նրան չշփոթեցրեց։ Նա տեղավորվեց ուղիղ Նաստասյա Ֆիլիպովնայի դիմաց և հաճելի ծամածռությամբ, դանդաղ ու էֆեկտով, նրա մատիկները մոտեցրեց իր շրթունքներին։ Առհասարակ բավական դժվար էր գեներալին շփոթեցնելը։ Նրա արտաքինը, բացի որոշ փնթիությունից, դեռևս բավականաչափ վայելուչ էր, որն ինքը շատ լավ գիտեր։ Առաջ առիթ էր ունենում լինել և շատ լավ հասարակության մեջ, որտեղից նրան վերջնականապես արտաքսեցին ընդամենը մի երկու֊երեք տարի առաջ։ Հենց այդ ժամանակից էլ նա արդեն չափազանց անզուսպ կերպով անձնատուր եղավ իր որոշ թուլություններին, բայց մինչև հիմա էլ նա պահպանում էր ճարպիկ ու հաճելի վարվելաձևը։ Թվում է, Նաստասյա Ֆիլիպովնան սաստիկ ուրախացավ Արդալիոն Ալեքսանդրովիչի հայտնվելուն, որի մասին, իհարկե, գիտեր լսածով։
 +
 +
— Լսել եմ, որ իմ որդին...— սկսեց Արդալիոն Ալեքսանդրովիչը։
 +
 +
— Այո, ձեր որդի՜ն։ Դուք էլ լավն եք, ձեր որդու հայրիկը։ Ինչո՞ւ բոլորովին չեք երևում ինձ մոտ։ Ինչ է, դուք ինքնե՞րդ եք թաքնվում, թե՞ ձեր որդին է ձեզ թաքցնում։ Դուք համենայն դեպս կարող եք ինձ մոտ գալ, առանց ոչ ոքի վարկաբեկելու։
 +
 +
— Նաստասյա Ֆիլիպովնա։ Խնդրում եմ, մի րոպեով բաց թողեք Արդալիոն Ալեքսանդրովիչին, նրան հարցնում են,— բարձրաձայն ասաց Նինա Ալեքսանդրովնան։
 +
 +
— Բա՜ց թողնեմ։ Ի սեր աստծո, ես այնքա՜ն եմ լսել, այնքան վաղուց էի ուզում տեսնել։ Եվ նա ի՞նչ գործեր ունի։ Չէ՞ որ պաշաոնաթող է։ Դուք ինձ չե՞ք թողնի, գեներալ, չե՞ք գնա։
 +
 +
— Ես ձեզ խոսք եմ տալիս, որ ինքը կգա ձեզ մոտ, բայց հիմա նա հանգստի կարիք ունի։
 +
 +
— Արդալիոն Ալեքսանդրովիչ, ասում են, թե դուք հանգստի կարի՜ք ունեք,— բղավեց Նաստասյա Ֆիլիպովնան դժգոհ ու զզվանք արտահայտող ծամածռությամբ, ինչպես թեթևսոլիկ հիմար աղջիկ, որից խլում են խաղալիքը։ Այնինչ գեներալը ջանաց իրեն ավելի հիմար դրության մեջ դնել։
 +
 +
— Բարեկա՜մս, բարեկա՜մս,— կշտամբանքով արտասանեց նա, հանդիսավորությամբ կնոջը դիմելով և ձեռքը սրտին դնելով։
 +
 +
— Դուք այստեզից չե՞ք գնա, մայրիկ,― բարձրաձայն հարցրեց Վարյան։
 +
 +
— Ոչ, Վարյա, ես մինչև վերջ կմնամ։
 +
 +
Նաստասյա Ֆիլիպովնան չէր կարող չլսել հարցն ու պատասխանը, բայց կարծես թե նրա ուրախությունը դրանից ավելի ևս ավելացավ։ Նա անմիջապես նորից հարցեր տեղաց գեներալի գլխին, և հինգ րոպե անց գեներալը ամենահանդիսավոր տրամադրության մեջ էր և ճառում էր ներկաների բարձրաձայն ծիծաղի ներքո։
 +
 +
Կոլյան քաշեց իշխանի փեշից։
 +
 +
— Գոնե դուք նրան մի կերպ հեռացրեք։ Չի՞ կարելի։ Խնդրում եմ։— Եվ խեղճ պատանու աչքերին նույնիսկ զայրույթի արցունքներ էին այրվում։— Օ, անիծված Գանկա, — ավելացրեց նա մտքում։
 +
 +
— Իվան Ֆյոդորովիչ Եպանչինն ու ես, իրոք, լավ բարեկամներ էինք,— դայլայլում էր գեներալը ի պատասխան Նաստասյա Ֆիլիպովնայի հարցերի։— Ես, նա և հանգուցյալ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկինը, որի զավակին ես գրկեցի այսօր քսանամյա անջատումից հետո, մենք երեքս, այսպես ասած, անբաժան հեծելախումբ էինք.— Աթոս, Պորտոս և Արամիս։ Բայց ավա՜ղ, մեկը գերեզմանում է, զարկված զրպարտանքից ու գնդակից, մյուսը ձեր առաջ է և դեռ պայքարում է զրպարտանքի ու գնդակների դեմ...
 +
 +
— Գնդակների՜,― բղավեց Նաստասյա Ֆիլիպովնան։
 +
 +
— Նրանք այստեղ են, կրծքումս, իսկ ստացել եմ Կարսի մերձակայքում, և վատ եղանակին զգում եմ։ Բայց մնացած բոլոր տեսակետներից ապրում եմ փիլիսոփայի պես, ման եմ գալիս, զբոսնում, իմ կաֆեում շաշկի եմ խաղում գործերից հեռացած բուրժուայի պես և «Independance» եմ կարդում։ Բայց մեր Պորտոսի՝ Եպանչինի հետ վերջնականապես խզել եմ, սրանից երեք տարի առաջ երկաթուղում բոլոնկայի հետ կապված պատմությունից հետո։
 +
 +
— Բոլոնկայի՞։ Այդ ի՞նչ պատմություն է,— առանձնահաաուկ հետաքրքրությամբ հարցրեց Նաստասյա Ֆիւլիպովնան։— Բոլոնկայի՞։ Թույլ տվեք, և երկաթուղո՞ւմ,— կարծես մտաբերում էր նա։
 +
 +
— Օ՜, հիմար պատմություն է, չարժի էլ կրկնել․ իշխանուհի Բելոկոնսկայայի տնային դաստիարակչուհու՝ միստրիս Շմիդի պատճառով․․․ չարժի էլ կրկնել։
 +
 +
— Անպայման պատմեցեք,— բացականչեց Նաստասյա Ֆիլիպովնան։
 +
 +
— Ես էլ դեռ չեմ լսել,— նկատեց Ֆերդիշչենկոն, c'est du nouveau<ref>Դա նորություն է (ֆրանս․)։</ref>։
 +
 +
— Արդալիոն Ալեքսաքնդրովիչ,— նորից հնչեց Նինա Ալեքսանդրովնայի աղերսական ձայնը։
 +
 +
— Հայրիկ, ձեզ կանչում են,— բղավեց Կոլյան։
 +
 +
— Հիմար պատմություն է, և երկու խոսքով,— սկսեց գեներալը ինքնագոհությամբ։― Երկու տարի առաջ, հա՝ երկու տարուց քիչ պակաս, նոր էին բացել ․․․յան երկաթուղին, ես (և արդեն քաղաքացիական վերարկուով), հոգալով աշխատանքս հանձնելու ինձ համար չափազանց կարևոր գործերը, առաջին կարգի տոմս գնեցի, ներս մտա, նստել ծխում եմ։ Այսինքն՝ շարունակում եմ ծխել, ծխախոտս առաջուց կպցրած էր։ Բաժանմունքում մենակ ես եմ։ Ծխելը չի արգելվում, բայց և չի թույլատրվում, այնպես, կիսաթույլատրվում է, ըստ սովորականի, դե, նաև նայած թե ում։ Լուսամուտը ցած է իջեցրած, հանկարծ սուլոցից անմիջապես առաջ տեղավորվում են երկու տիկին՝ հետները մի բոլոնյան շնիկ, ուղղակի դեմս, ուշացել էին, մեկը ամենաշքեղ ձևով էր հագնված, բաց կապույտ, մյուսն ավելի համեստ, թիկնոցավոր սև զգեստով։ Լավիկն են, նայում են ամբարտավան, խոսում են անգլերեն։ Ես, հասկանալի է, ոչինչ, ծխում եմ։ Այսինքն՝ ես մտածեցի, բայց շարունակում եմ ծխել լուսամատից դուրս, որովհետև լուսամուտը բաց է։ Շնիկը հանգչում է բաց կապույտ տիկնոջ ծնկներին, փոքրիկ, եղած-չեղածը իմ բռունցքի չափ, սև, թաթիկները սպիտակ, նույնիսկ հազվագյուտ բան էր։ Վզնոցն արծաթե էր, դևիզով։ Ես ոչ մի բան։ Միայն նկատում եմ, որ տիկինները կարծես բարկանում են, իհարկե, սիգարի համար։ Մեկը կրեոսկրյա լոռնետը դրեց աչքերին։ Ես էլի ոչ մի բան. նրա համար, որ ախր ոչինչ չե՜ն ասում։ Եթե ասեին, զգուշացնեին, խնդրեին, չէ որ վերջապես մարդկային լեզու կա։ Թե չէ՝ լռում են... և հանկարծ, և դա առանց մի փոքր, կասեմ ձեզ, նախազգուշացման, այսինքն՝ առանց նվազագույն իսկ, ուղղակի կարծես բոլորովին խելքները թռցրին, բաց կապույտը ձեռքիցս խլեց սիգարը և՝ լուսամատից դուրս։ Գնացքը սլանում է, գժի պես նայում եմ։ Վայրենի կին է, վայրենի կին, ուղղակի բոլորովին վայրենի վիճակում. սակայն հաղթանդամ կին է, գեր, բարձրահասակ, շիկահեր, կարմրադեմ (նույնիսկ չափազանց), աչքերը փայլում են ինձ վրա։ Առանց մի բառ ասելու, ես արտակարգ քաղաքավարությամբ, կատարյալ քաղաքավարությամբ, այսպես ասած՝ նրբագույն քաղաքավարությամբ, երկու մատով մոտենում եմ շնիկին, նրբավարի բռնում եմ վզից ու շրմփ լուսամուտից դուրս՝ սիգարի հետևից։ Միայն վնգստոցը լսվեց։ Գնացքը շարունակում է սլանալ...
 +
 +
— Դուք հրե՜շ եք,— բացականչեց Նաստասյա Ֆիլիպովնան քրքջալով և փոքրիկ աղջկա պես ծափ տալով։
 +
 +
— Բրա՜վո, բրա՜վո,— բղավում էր Ֆերդիշչենկոն։ Քմծիծաղ տվեց նաև Պտիցինը, որի համար նույնպես չափազանց տհաճ էր գեներալի հայտնվելը, նույնիսկ Կոլյան ծիծաղեց ու բղավեց. «Բրա՜վո»։
 +
 +
— Եվ ես իրավացի եմ, ես իրավացի եմ, եռակի իրավացի եմ,― եռանդով շարունակում էր ցնծացող գեներալը,― որովհետև եթե վագոնում սիգարն արգելված է, ապա շներն առավել ևս։
 +
 +
— Բրա՜վո, հայրիկ,— հիացմունքով բղավեց Կոլյան,— հիանալի՜ է։ Ես անպայման, անպայման նույն բանը կանեի։
 +
 +
— Իսկ տիկի՞նն ինչ արեց,— անհամբերությամբ հարցաքննում էր Նաստասյա Ֆիլիպովնան։
 +
 +
— Նա՞։ Ահա հենց այստեղ է ամբողջ տհաճությունը,— շարունակեց գեներալը մռայլված,— առանց մի բառ ասելու և առանց որևէ նախազգուշացման, նա շրխկացրեց երեսիս։ Վայրենի՜ կին, բոլորովին վայրենի վիճակում։
 +
 +
— Իսկ դո՞ւք։
 +
 +
Գեներալն աչքերը խոնարհեց, հոնքերը վեր քաշեց, ուսերը բարձրացրեց, շրթունքները սեղմեց, ձեռքերը տարածեց, փոքր֊ինչ լռեց և հանկարծ ասաց,
 +
 +
― Գլուխս կորցրի։
 +
 +
— Եվ սաստի՞կ։ Սաստի՞կ։
 +
 +
— Աստված վկա, ոչ սաստիկ։ Սկանդալ ստացվեց, բայց ոչ սաստիկ։ Ես միայն մի անգամ ետ մղեցի, լոկ միայն ետ մղած լինելու համար։ Բայց այստեղ սատանան ինքը դրդեց․ պարզվեց, որ բաց կապույտը անգլուհի է, տնային դասաիարակչուհի կամ նույնիսկ իշխանուհի Բելոկոնսկայայի տան բարեկամ, իսկ սև շոր հագածը՝ Բելոկոնսկայա իշխանուհիներից ավագն էր, մոտ երեսունհինգ տարեկան պառաված օրիորդ։ Իսկ հայտնի է, թե գեներալի կինը, Եպանչինան, ինչ հարաբերությունների մեջ է Բելոկոնսկիների տան հետ։ Բոլոր իշխանուհիները ուշագնաց են, արցունքնե՜ր, սո՜ւգ սիրելի շնիկի համար, վեց իշխանուհիների ճղճղոց, անգլուհու ճղճղոցը, աշխարհի վերջը։ Իհարկե, գնացի զղջացած, ներողություն խնդրեցի, նամակ գրեցի, չընդունեցին, ոչ ինձ, ոչ նամակս, իսկ Եպանչինի հետ երկպառակություններ, վտարում, արտաքսո՜ւմ։
 +
 +
— Բայց, ներեցեք, այդ ինչպե՞ս,— հանկարծ հարցրեց Նաստասյա Ֆիլիպովնան,— հինգ թե վեց օր առաշ «Independance»֊ում կարդացի,— ես միշտ կարդում եմ «Independance»-ն,— ճիշտ նույնպիսի մի պատմություն։ Բայց ճիշտ և ճիշտ նույնպիսի։ Դա պատահել է մերձհռենոսյան երկաթուղիներից մեկում, վագոնում, մի ֆրանսիացու և անգլուհու միջև, ճիշտ այդ ձևով խլվել է սիգարը, ճիշտ այդ ձևով լուսամուտից դուրս է նետվել շնիկը, վերջապես ճիշտ այդպես էլ վերջացել է, ինչպես ձեր պատմությունը։ Նույնիսկ զգեստը բաց կապույտ է եղել։
 +
 +
Գեներալը սարսափելի կարմրեց, Կոլյան նույնպես կարմրեց և ձեռներով գլուխը սեղմեց, Պտիցինն արագ շուռ եկավ։ Առաջվա պես քրքջում էր միայն Ֆերդիշչենկոն։ Գանյայի մասին խոսելն իսկ ավելորդ է, նա ամբողջ ժամանակ կանգնած էր, դիմանալով համր ու անտանելի տանջանքին։
 +
 +
— Հավատացնում եմ,— մրթմրթաց գեներալը, որ ինձ հետ էլ ճիշտ նույն բանը պատահել է...
 +
 +
— Հայրիկս, իրոք, անախորժություն է ունեցել միստրիս Շմիդի, Բելոկոնսկայայի տնային դաստիարակչուհու հետ,— ճչաց Կոլյան,— ես հիշում եմ։
 +
 +
— Ինչպե՜ս։ Ճիշտ և ճի՞շտ։ Միևնույն պատմությունը Եվրոպայի երկու ծայրերում և ճիշտ ու ճիշտ նույնպիսի, բոլոր մանրամասնություններով, մինչև բաց կապույտ զգեստը,— պնդում էր անողոք Նաստասյա Ֆիլիպովնան։ — Ես ձեզ կուղարկեմ «Independance Belցe»֊ը։
 +
 +
— Բայց, նկատեցեք,― դեռ շարունակում էր պնդել գեներալը,— որ այդ դեպքը ինձ պատահել է երկու տարի առաջ․․․
 +
 +
— Հա՜, դա թերևս։
 +
 +
Նաստասյա Ֆիլիպովնան հռհռում էր հիստերիկայի մեջ ընկածի պես։
 +
 +
— Հայրիկ, ես ձեզ խնդրում եմ դուրս գալ, երկու խոսք ունեմ ասելու,— դողդոջուն, տանջալից ձայնով ասաց Գանյան, մեքենայաբար բռնելով հոր ուսից։ Նրա հայացքում եռում էր անսահման ատելությունը։
 +
 +
Այդ նույն վայրկյանին նախասենյակից լսվեց զանգի խիստ ուժեղ հարվածը։ Այդպիսի հարվածով կարելի էր պոկել զանգակը։ Ազդարարվում էր մի արտասովոր այցելություն։ Կոլյան վազեց դուռը բացելու։
 +
 +
===X===
 +
 +
Նախասենյակը հանկարծ լցվեց աղմուկ-աղաղակով ու մարդկանցով․ հյուրասենյակում թվում էր, թե դրսից ներս են մտել մի քանի մարդ և դեռ շարունակում են մտնել։ Մի քանի ձայն խոսում ու բղավում էին միաժամանակ, խոսում ու բղավում էին նաև սանդուղքի վրա, դեպի որը տանող նախասենյակի դուռը, ինչպես լսվում էր, չէր փակվում։ Այդ այցելությունը չափազանց տարօրինակ այցելություն էր։ Բոլորն իրար երես նայեցին. Գանյան դահլիճ նետվեց, բայց արդեն մի քանի հոգի մտել էին նաև դահլիճ։
 +
 +
— Ա՜, ահա նա, հուդա՜ն,— բղավեց իշխանին ծանոթ մի ձայն,— բարև, Գանկա, սրիկա։
 +
 +
— Նա՛ է, նա՛ է որ կա,— հաստատեց մի ուրիշ ձայն։
 +
 +
Իշխանի համար կասկած չէր կարող լինել․ մի ձայնը պատկանում էր Ռոգոժինին, մյուսը՝ Լեբեդևին։
 +
 +
Գանյան կանգնել էր դահլիճի դռանը ասես բթացած և լուռ նայում էր, չարգելելով, որ մեկը մյուսի հետևից դահլիճ մտնեն տասը թե տասներկու մարդ՝ Պարֆեն Ռոգոժինի հետևից։ Խումբը չափազանց այլազան էր և աչքի էր ընկնում ոչ միայն այլազանությամբ, այլև այլանդակությամբ։ Մի քանիսը ներս էին մտնում այնպես, ինչպես փողոցում էին, վերարկուներով ու մուշտակներով։ Ի դեպ, սաստիկ հարբածներ չկային, բայց փոխարենը՝ բոլորը, երևում է, խիստ գինովցած էին։ Թվում է, ներս մտնելու համար բոլորը մեկ-մեկու կարիք էին զգում. ոչ մեկը առանձին սիրտ չէր անի ներս մանել, բայց կարծես թե բոլորը իրարու ներս էին մղում։ Նույնիսկ ամբոխի գլուխն անցած Ռոգոժինը զգուշությամբ էր ոտները փոխում, բայց նա ինչ-որ մտադրություն ուներ և թվում էր գրգռված ու մռայլորեն մտահոգված։ Մնացածները կազմում էին միայն _խորը_, կամ, լավ է ասել, հրոսակախումբ՝ Պարֆենին օգնելու համար։ Բացի Լեբեդևից, այստեղ էր նաև մազերը գանգրացրած Զալյոժովը, որը մուշտակը թողել էր նախասենյակում և ներս էր մտել սանձարձակ ու պճնամոլ, և նրա նման երկու-երեք պարոն, ըստ երևույթին վաճառականներից։ Ինչ֊որ մեկը կիսազինվորական վերարկուով, ինչ-որ փոքրիկ ու չափազանց հաստ մարդ, որ շարունակ ծիծաղում էր. մի տասներկու վերշոկանոց հսկայական պարոն, նույնպես չափազանց հաստ, չափազանց մռայլ ու լռակյաց, որը, ըստ երևույթին, շատ վստահ էր իր բռունցքներին, կար մի բժշկական ուսանող, կար մարդկանց շուրջը պտույտ եկող մի լեհիկ։ Սանդուղքից նախասենյակ էին նայում, բայց չէին վստահում ներս մտնել ինչ֊որ երկու տիկին։ Կոլյան նրանց քթի առաջ դուռը շրխկացրեց ու կեռը գցեց։
 +
 +
— Բարև՛, Գանկա, սրիկա՛։ Ինչ է, չէի՞ր սպասում Պարֆեն Ռոգոժինին,— կրկնեց Ռոգոժինը դահլիճին հասնելով և դռան մեջ՝ Գանյայի դիմաց կանգ առնելով։ Բայց այդ րոպեին նա հյուրասենյակում, ուղիղ իր դիմաց նկատեց Նաստասյա Ֆիլիպովնային։ Ըստ երևույթին, նրա մտքովն էլ չէր անցնում այստեղ հանդիպել Նաստասյա Ֆիլիպովնային, որովհետև նրա տեսքը արտակարգ տպավորություն գործեց Ռոգոժինի վրա։ Նա այնպես դժգունեց, որ մինչև իսկ շրթունքները կապտեցին,— նշանակում է ճի՜շտ է,— ասաց նա կամացուկ և կարծես թե ինքն իրեն, բոլորովին շփոթված տեսքով,— վե՜րջ․․․ Դե․․․ հիմա պատասխա՛ն կտա ինձ,— հանկարծ կրճտացրեց նա, կատաղի չարությամբ նայելով Գանյային։— Դե... ա՛խ...
 +
 +
Նա նույնիսկ շնչահեղձ էր լինում, նույնիսկ դժվարությամբ էր արտասանում բառերը։ Նա մեքենայաբար շարժվում էր դեպի հյուրասենյակ, բայց շեմքն անցնելով, հանկարծ տեսավ Նինա Ալեքսանդրովնային ու Վարյային և կանգ առավ, մի քիչ շփոթված, չնայած իր ողջ հուզմունքին։ Նրա հետևից անցավ Լեբեդևը, որը ստվերի պես ետ չէր մնում նրանից և արդեն խիստ հարբած էր, ապա ուսանողը, բռունցքավոր պարոնը, աջ ու ձախ բարևող Զալյոժովը, և, վերջապես, խցկվում էր կարճահասակ հաստլիկը։ Տիկնանց ներկայությունը նրանց բոլորին դեռ որոշ չափով զսպում էր և ակներևաբար խիստ խանգարում, միայն մինչև _սկիզբը_, մինչև բղավելու և _սկսելու_ առաջին պատրվակը... Այստեղ արդեն ոչ մի տիկին չէր խանգարի։
 +
 +
— Ինչպե՞ս, դո՞ւ էլ այստեղ ես, իշխան,— մտացրիվ ասաց Ռոգոժինը, մասամբ զարմացած իշխանին հանդիպելուց,— դեռ շտիբլետիկներո՞վ ես, է֊է՜խ,— հառաչեց նա, արդեն մոռանալով իշխանի մասին և հայացքը վերստին փոխադրելով Նաստասյա Ֆիլիպովնայի վրա, շարունակ մոտենալով ու ձգվելով դեպի նա, ինչպես դեպի մագնիսը։
 +
 +
Նաստասյա Ֆիլիպովնան նույնպես անհանգիստ հետաքրքրությամբ նայում էր հյուրերին։
 +
 +
Գանյան, վերշապես, ուշքի եկավ։
 +
 +
— Բայց թույլ տվեք, վերջապես սա ի՞նչ է նշանակում,— բարձրաձայն ասաը նա, խստորեն նայելով ներս եկածներին և դիմելով գերազանցապես Ռոգոժինին,— դուք, կարծեմ, ախոռ չեք մտել, պարոնայք, այստեղ են իմ մայրը և քույրը...
 +
 +
— Տեսնում ենք, որ մայրն ու քույրը,— ատամների արանքից մզեց Ռոգոժինը։
 +
 +
— Այդ երևում է, որ մայրն ու քույրը,— կոնտենանսի<ref>Կոնտենանսի համար (ֆրանս. contenance֊ից) լուրջ տեսք տալու համար։</ref> համար հաստատեց Լեբեդևը։
 +
 +
Բռունցքավոր պարոնը, հավանաբար ենթադրելով, որ րոպեն հասել է, սկսեց ինչ֊որ բան փնթփնթալ։
 +
 +
— Բայց և այնպես,— հանկարծ և մի տեսակ չափից անց, պայթյունով ձայնը բարձրացրեց Գանյան,— բոլորիդ խնդրում եմ այստեղից անցնել դահլիճ, և ապա թույլ տվեք իմանալ...
 +
 +
— Մի տե՜ս, չի իմանում,— ատամները ցույց տալով չար ժպտաց Ռոգոժինը, առանց տեղից շարժվելու,— Ռոգոժինին չե՞ս իմանում։
 +
 +
— Ասենք, ձեզ մի տեղ հանդիպել եմ, բայց...
 +
 +
— Մի տե՜ս, մի տեղ հանդիպել է։ Ախր ես ընդամենը երեք ամիս առաջ հորս երկու հարյուր ռուբլին քեզ տարվեցի, ծերուկը մեռավ ու այդ պատճառով ժամանակ չունեցավ իմանալու. դու ինձ քարշ տվիր, իսկ Կնիֆը խաղաթղթերն էր խարդախում։ Չե՞ս ճանաչում։ Պտիցինը վկա է։ Ախր քեզ որ երեք մանեթ ցույց տամ, որ հիմա գրպանիցս հանեմ, դրա հետևից չորեքթաթ կսողաս մինչև Վասիլևսկի, ահա թե ինչպիսին ես դու։ Քո հոգին է էդպես։ Հիմա էլ եկել եմ քեզ փողով գնելու, դու մի նայիր, որ էսպիսի կոշիկներով ներս մտա. ես, եղբայր, փող շատ ունեմ, քեզ ամբողջովին և ունեցած֊չունեցածովդ կգնեմ... ուզենամ՝ ձեզ բոլորի՜դ կգնեմ։ Ամե՛ն ինչ կգնե՜մ,― բորբոքվում և կարծես ավելի ու ավելի էր գինովանում Ռոգոժինը։— Է-է՜խ,— բղավեց նա,— Նաստա՜սյա Ֆիլիպովնա։ Մի վռնդեք, մի խոսք ասացեք. պսակվո՞ւմ եք սրա հետ, թե՞ ոչ։
 +
 +
Ռոդոժինը իր հարցը տվեց ինքն իրեն կորցրած, ինչպես կդիմեն որևէ աստվածության, բայց մահվան դատապարտվածի համարձակությամբ, որն արդեն կորցնելու ոչինչ չունի։ Մահու անձկությամբ նա սպասում էր պատասխանի։
 +
 +
Նաստասյա Ֆիլիպովնան ծաղրական ու գոռոզ հայացքով չափեց նրան, բայց նայեց Վարյային ու Նինա Ալեքսանդրովնային, նայեց Գանյային և հանկարծ տոնը փոխեց։
 +
 +
— Բոլորովին էլ ոչ, ի՜նչ եք ասում։ Եվ ինչո՞ւ խելքներիդ փչեց հարցնել,― պատասխանեց նա կամացուկ ու լուրջ և կարծես որոշ զարմանքով։
 +
 +
— Ո՞չ։ Ո՜չ,— բղավեց Ռոգոժինը, ուրախությունից դրեթե խենթացած,— ուրեմն ո՜՞չ։ Իսկ ինձ նրանք ասացին... Ա՜խ։ Դե... Նաստասյա Ֆիլիպովնա։ Նրանք ասում էին, թե դուք նշանված եք Գանյայի հետ։ Ախր սրա՞ հետ։ Մի՞թե կարելի է։ (Ասում եմ նրանց բոլորին)։ Ես նրան ոտով գլխով հարյուր ռուբլու կգնեմ, հազար կտամ, ասենք, երեք հազար, որ ետ կանգնի, նա հարսանիքի նախօրեին կփախչի, իսկ հարսնացուին ամբողջովին ինձ կթողնի։ Այդպես է, չէ՞, Գանկա, սրիկա՜։ Չէ՞ որ կվերցնեիր երեք հազար ռուբլին։ Ահա՛ այդ հազարները, ահա՛։ Դրա համար էլ գալիս էի, որ քեզնից այդպիսի ստորագրություն վերցնեի, ասացի՝ կգնեմ, և կգնեմ։
 +
 +
— Դո՞ւրս կորիր այստեղից, դու հարբած ես,— բղավեց փոխնիփոխ կարմրող ու գունատվող Գանյան։
 +
 +
Նրա բղավոցից հետո հանկարծ լսվեց մի քանի ձայների պայթյուն. Ռոգոժինի ամբողջ խումբը վաղուց արդեն սպասում էր առաջին մարտահրավերին։ Լեբեդևը ինչ-որ արտակարգ ջանասիրությամբ փսփսում էր Ռոգոժինի ականջին։
 +
 +
― Ճիշտ է, չինովնիկ,— պատասխանեց Ռոգոժինը,— ճիշտ է, հարբած հոգի։ Է~խ, ինչ լինում է, լինի։ Նաստասյա Ֆիլիպովնա,― բղավեց նա խելագարի պես նայելով նրան, վախենալով և հանկարծ հանդգնության աստիճան քաջալերվելով,— ահա տասնո՜ւթ հազար։— Եվ նրա առաջ սեղանին շրմփացրեց սպիտակ թղթի խաչկապ մի փաթեթ,— ահա՜։ Եվ... և էլի՛ կլինի։
 +
 +
Նա չհամարձակվեց մինչև վերջ ասել, թե ինքը ինչ էր ուզում։
 +
 +
— Չէ, չէ, չէ՜,— նորից նրա ականջին շշնջաց Լեբեդևը, սարսավւելի վախեցած տեսքով, կարելի էր գլխի ընկնել, որ նա վախեցավ, գումարի ահագնությունից և առաջարկում էր փորձել անհամեմատ պակասից։
 +
 +
— Ոչ, այստեղ արդեն դու, եղբայր, հիմար ես, չգիտես ուր ես մտել... այո, երևում է, քեզ հետ ես էլ հիմար եմ,— գլխի ընկավ և հանկարծ ցնցվեց Ռոգոժինը Նաստասյա Ֆիլիպովնայի հրացայտ հայացքից։— Է֊է՜խ։ Սխալվեցի ես, քեզ լսեցի,— ավելացրեց նա խոր զղջումով։
 +
 +
Նաստասյա Ֆիլիպովնան, ուշադիր նայելով Ռոգոժինի մորմոքուն դեմքին, հանկարծ ծիծաղեց։
 +
 +
— Տասնութ հազա՞ր, ի՞նձ։ Անմիջապես երևում է մուժիկը,—ավելացրեց նա հանկարծ անպատկառ տնավարությամբ և բազմոցից վեր կացավ, կարծես պատրաստվելով մեկնել։ Գանյան սրտի նվաղումով դիտում էր ամբողջ տեսարանը։
 +
 +
— Դե, քառասուն հազար, քառասո՜ւն, և ոչ թե տասնութ,— բղավեց Ռոգոժինը։— Վքանկա Պտիցինն ու Բիսկուպը խոստացան ժամը յոթին քառասուն հազար ներկայացնել։ Քառասո՜ւն հազար։ Ամբողջը սեղանին կդնեմ։
 +
 +
Չափազանց այլանդակ տեսարան էր ստացվում, բայց Նաստասյա Ֆիլիպովնան շարունակում էր ծիծաղել և չէր գնում, կարծես իրոք դիտավորյալ երկարաձգում էր այն։ Նինա Ալեքսանդրովնան ու Վարյան էլ վեր կացան իրենց տեղերից ու վախեցած, լուռ սպասում էին, թե մինչև ուր կհասնի սա. Վարյայի աչքերը փայլատակում էին, բայց Նինա Ալեքսանդրովնայի վրա դա հիվանդագին ազդեց, նա դողում էր, և թվում էր, հիմա ուշագնաց կլինի։
 +
 +
— Դե որ էդպես է՝ հարյո՜ւր։ Հենց այսօր հարյուր հազար կներկայացնեմ։ Պտիցին, նեղ տեղից հանիր, ձեռներդ լավ կտաքացնե՜ս։
 +
 +
— Խելքդ կորցրել ես, — հանկարծ շշնջաց Պտիցինը, արագ մոտենալով նրան և բռնելով ձեռքը,― դու հարբած ես, ոստիկանների հետևից մարդ կուղարկեն։ Որտե՞ղ ես գտնվում։
 +
 +
— Հարբած դուրս է տալիս,― ասաց Նաստասյա Ֆիլիպովնան, կարծես գրգռելով նրան։
 +
 +
— Ախր դուրս չեմ տալիս, կլինի՜։ Երեկոյան կլինի։ Պտիցին, օգնիր, տոկոսավոր հոգի, ինչ կուզես վերցրու, մինչև իրիկուն ճարիր հարյուր հազարը. կապացուցեմ, որ դրա առաջ չեմ կանգնի,— հանկարծ խանդավառության աստիճան ոգևորվեց Ռոգոժինը։
 +
 +
— Բայց սա ի՞նչ բան է,— ահեղ ու հանկարծակի բացականչեց բարկացած Արդալիոն Ալեքսանդրովիչը, մոտենալով Ռոգոժինին։ Մինչև այժմ լուռ կանգնած ծերունու անսպասելի արարքը շատ կոմիկական հնչեց։ Լսվեց ծիծաղ։
 +
 +
— Սա՞ որտեղից լույս ընկավ,— ծիծաղեց Ռոգոժինը,— գնանք, ծերուկ, հարբեցնեմ։
 +
 +
— Դա արդեն ստորություն է,— բղավեց Կոլյան, արդեն լաց լինելով ամոթից ու զայրույթից։
 +
 +
— Մի՞թե ձեր մեջ մեկը չի գտնվի, որ այս անամոթ կնոջը այստեղից դուրս տանի,— հանկարծ ճչաց Վարյան, ամբողջովին գոզալով զայրույթից։
 +
 +
— Այդ ի՞նձ են անամոթ անվանո՜ւմ,— արհամարհական ուրախությամբ հարվածը ետ մղեց Նաստասյա Ֆիլիպովնան,— իսկ ես հիմարի պես եկա նրանց երեկույթի հրավիրելու։ Ահա ինչպես է ինձ քամահրում ձեր քույրիկը, Գավրիլա Արդալիոնովիչ։
 +
 +
Միառժամանակ Գանյան կանգնած էր շանթահար՝ քրոջ արարքից. բայց, տեսնելով, որ Նաստասյա Ֆիլիպովնան այս անգամ իսկապես գնում է, կատաղածի պես նետվեց դեպի Վարյան և բռնեց նրա ձեռքը։
 +
 +
— Ի՞նչ արեցիր դու,— բղավեց նա, քրոջը նայելով, կարծես ուզելով հենց տեղնուտեղը մոխրացնել նրան։ Գանյան բոլորովին կորցրել էր իրեն և վատ էր հասկանում։
 +
 +
— Ի՞նչ արեցի։ Ինձ ո՞ւր ես քարշ տալիս։ Չլինի՞ ներողություն խնդրելու նրանից, որ քո մորը վիրավորեց և քո տունը խայտառակելու եկավ, դու, ստոր մարդ, — կրկին բղավեց Վարյան, հաղթանակած ու մարտահրավերով նայելով եղբորը։
 +
 +
Մի քանի վայրկյան նրանք այդպես կանգնած էին միմյանց հանդեպ, երես առ երես։ Գանյան դեռ պահում էր նրա ձեռքը իր ձեռքում։ Վարյան մեկ֊երկու անգամ ձիգ տվեց ամբողջ ուժով, բայց չդիմացավ և հանկարծ, ինքն իրեն կորցնելով, թքեց եղբոր երեսին։
 +
 +
— Այ թե աղջի՜կ է,— բղավեց Նաստասյա Ֆիլիպովնան։— Բրա՛վո, Պտիցին, ես ձեզ շնորհավորում եմ։
 +
 +
Գանյայի աչքերը սևացան, և նա, ինքն իրեն բոլորովին մոռացած, ամբողջ ուժով ձեռքը թափահարեց քրոջ վրա։ Հարվածը անպայման նրա դեմքին կիջներ։ Բայց հանկարծ մի ուրիշ ձեռք օդում բռնեց Գանյայի ձեռքը։
 +
 +
Նրա և քրոջ միջև կանգնել էր իշխանը։
 +
 +
— Բավական է, հերիք է,― ասաց նա հաստատակամ, բայց նույնպես ամբողջովին դողալով, ինչպես արտակարգ ուժեղ ցնցումից։
 +
 +
— Շարունակ պիտի ճանապարհս կտրե՞ս,— մռնչաց Գանյան, Վարյայի ձեռքը բաց թողնելով, և ազատված ձեռքով ծայր աստիճան կատաղած ամբողջ թափով ապտակ հասցրեց իշխանին։
 +
 +
— Ա՛խ,— ձեռներն իրար զարկեց Կոլյանախ, աստվա՜ծ իմ։
 +
 +
Ամեն կողմից ձայներ լսվեցին։ Իշխանը գունատվեց։ Տարօրինակ ու կշտամբող հայացքով նա նայեց ուղիղ Գանյայի աչքերին. նրա շրթունքները դողում էին և ճգնում ինչոր բան ասել։ Մի տարօրինակ ու բոլորովին անհամապատասխան ժպիտ ծամածռել էր այդ շրթունքները։
 +
 +
— Դե, սա թող լինի ինձ․․․ իսկ նրան... համենայն դեպս, թույլ չե՛մ տա...— վերջապես կամացուկ ասաց նա, բայց, հանկարծ չդիմացավ, Գանյային թողեց, դեմքը ձեռքերով ծածկեց, քաշվեց մի անկյուն, երեսը պատին դարձրեց և կերկերուն ձայնով ասաց.
 +
 +
— Օ, ինչպե՜ս եք ամաչելու ձեր արարքից։
 +
 +
Դանյան իրոք կանգնել էր ստորացածի պես։ Կոլյան նետվեց փարվելու և համբուրելու իշխանին. նրա հետևից խռնվեցին Ռոգոժինը, Վարյան, Պտիցինը, Նինա Ալեքսանդրովնան, բոլորը, նույնիսկ ծերունի Արդալիոն Ալեքսանդրովիչը։
 +
 +
— Ոչինչ, ոչինչ,— քրթմնջում էր իշխանը դիմելով չորս կողմը, նույն անհամապատասխան ժպիտով։
 +
 +
— Եվ կզղջա՜,— բղավեց Ռոգոժինը,— կամաչես, Գանկա, որ այդպիսի... ոչխարին (նա չկարողացավ բառ գտնել) վիրավորեցիր։ Իշխան, հոգիս, թող սրանց, թքի՛ր, գնա՜նք։ Կիմանաս, թե ինչպե՜ս է սիրում Ռոգոժինը։
 +
 +
Նաստասյա Ֆիլիպովնան էլ խիստ զարմացած էր թե Գանյայի արարքից, թե իշխանի պատասխանից։ Նրա սովորաբար դժգույն ու մտախոհ դեմքը, որ շարունակ այնքա՜ն չէր ներդաշնակում քիչ առաջվա նրա կեղծ ծիծաղին, ըստ երևույթին հիմա հուզված էր մի նոր զգացմունքից. և, սակայն, կարծես այնուամենայնիվ նա չէր ուզում դա ցույց տալ, և ծաղրը կարծես ճգնում էր մնալ նրա դեմքին։
 +
 +
— Ճշմարիտ, ես մի տեղ տեսել եմ նրա դեմքը,― ասաց Նաստասյա Ֆիլիպովնան հանկարծ արդեն լուրջ, անակնկալ վերստին հիշելով իր քիչ առաջվա հարցը։
 +
 +
— Իսկ դուք չե՜ք էլ ամաչում։ Մի՞թե դուք այնպիսի կին եք, ինչպես հիմա ձեզ ներկայացնում էիք։ Մի՞թե կարող է պատահել,— բացականչեց հանկարծ իշխանը, սրտի խոր կշտամբանքով։
 +
 +
Նաստասյա Ֆիլիպովնան զարմացավ, քմծիծաղ տվեց, բայց, կարծես մի բան թաքցնելով իր ժպիտի տակ, փոքր-ինչ շփոթվելով, նայեց Գանյային և դուրս եկավ հյուրասենյակից։ Բայց, նախասենյակ չհասած, հանկարծ վերադարձավ, արագ մոտեցավ Նինա Ալեքսանդրովնային, բռնեց նրա ձեռքը և մոտեցրեց իր շրթունքներին։
 +
 +
― Չէ՞ որ ես իրոք այսպիսին չեմ, նա կռահեց,— շշնջաց նա արագ, տաք֊տաք, հանկարծ ամբողջովին բռնկվելով ու շիկնելով, և, շուռ գալով, այս անգամ այնքան արագ դուրս եկավ, որ նույնիսկ ոչ ոք ժամանակ չունեցավ հասկանալու, թե նա ինչու էր վերադարձել։ Միայն տեսան, որ նա մի բան շշնջաց Նինա Ալեքսանդրովնային և, կարծես, համբուրեց նրա ձեռքը։ Բայց Վարյան տեսել ու լսել էր ամեն ինչ և զարմացած ճամփու դրեց նրան հայացքով։
 +
 +
Գանյան ուշքի եկավ և նետվեց ճամփու դնելու Նաստասյա Ֆիլիպովնային, բայց նա արդեն դուրս էր եկել։ Գանյան նրան հասավ սանդուղքի վրա։
 +
 +
― Մի ուղեկցեք,— բղավեց նա Գանյային։— Յտեսություն, մինչև երեկո։ Անպայման, լսո՞ւմ եք։
 +
 +
Գանյան վերադարձավ շփոթված, մտախոհ. ծանր առեղծվածը նրա հոգուն տիրել էր ավելի ծանր, քան առաջ։ Մտքիը դուրս չէր գալիս նաև իշխանը․․․ նա այն աստիճան կորցրել էր ինքն իրեն, որ հազիվ տեսավ, թե ինչպես Ռոգոժինի ամբողջ խումբը իր կողքով դուրս էր թափվում բնակարանից և նույնիսկ դռան մեջ մի կողմ հրեցին իրեն, արագորեն բնակարանից դուրս գալով Ռոգոժինի հետևից։ Բոլորը բարձրաձայն դատում էին ինչ-որ բանի մասին։ Ռոգոժինն ինքը գնում էր Պտիցինի հետ և համառորեն պնդում էր մի կարևոր և, ըստ երևույթին, անհետաձգելի բանի մասին։
 +
 +
— Տանո՜ւլ տվիր, Գանկա,— բղավեց նա, մոտից անցնելիս։
 +
 +
Գանյան տագնապած նայեց նրանը հետևից։
 +
 +
===XI===
 +
 +
Իշխանը հյուրասենյակից գնաց և փակվեց իր սենյակում։ Անմիջապես նրա մոտ վաց տվեց Կոլյան՝ նրան մխիթարելու։ Թվում էր, խեղճ տղան հիմա այլևս չէր կարող նրանից պոկ գալ։
 +
 +
— Լավ արիք, որ դուրս եկաք,— ասաց նա,— հիմա այնտեղ ավելի սպստիկ խառնաշփոթություն կլինի, քան քիչ առաջ էր, և ամեն օր այդպես է մեզ մոտ, և այս ամբողջը այդ Նաստասյա Ֆիլիպովնայի պատճառով։
 +
 +
— Այստեղ ձեղ մոտ շատ ցավոտ հարցեր են կուտակվել ու բարդացել, Կոլյա,― նկատեց իշխանը։
 +
 +
— Այո, ցավոտ։ Մեր մասին խոսելն էլ ավելորդ է։ Ինքներս ենք մեղավոր ամեն ինչում։ Բայց ես մի շատ մտերիմ ընկեր ունեմ, նա ավելի դժբախտ է։ Ուզո՞ւմ եք, ես ձեզ ծանոթացնեմ։
 +
 +
— Շատ եմ ուզում։ Ձեր ընկե՞րն է։
 +
 +
— Այո, համարյա ընկերոջ պես է։ Ես հետո ամեն ինչ ձեզ կբացատրեմ։ Բայց գեղեցիկն է Նաստասյա Ֆիլիպովնան, ի՞նչ եք կարծում։ Ախր ես մինչև հիմա նրան ոչ մի անգամ չէի տեսել, չնայած շատ էի աշխատում։ Ուղղակի շլացրեց։ Ես Գանկային ամեն ինչ կներեի, եթե սիրուց դրդված աներ, բայց ինչո՞ւ է փող վերցնում, սա է դժբախտությունը։
 +
 +
— Այո, ձեր եղբայրն ինձ այնքան էլ դուր չի գալիս։
 +
 +
— Ինչ խոսք։ Նրանից հետո, որ ձեզ... Բայց գիտե՞ք, ես տանել չեմ կարող այդ զանազան կարծիքները։ Մի որևէ խելագար կամ հիմար, կամ չարագործ, խելագար վիճակում ապտակ կհասցնի, և ահա մարդն ամբողջ կյանքում անպատված է և այդ անարգանքն այլ կերպ չի կարող սրբվել, քան արյամբ, կամ որ նրանից ծնկաչոք ներողություն խնդրեն։ Իմ կարծիքով դա անհեթեթ բան է և բռնակալություն։ Դրա վրա է հիմնված Լերմոնտովի «Դիմակահանդես» դրաման, և, իմ կարծիքով, հիմար բան է։ Այսինքն՝ ես ուզում եմ ասել, անբնական է։ Բայց չէ՞ որ նա այդ դրաման համարյա մանուկ հասակում է գրել։
 +
 +
— Ինձ ձեր քույրը շատ դուր եկավ։
 +
 +
— Ինչպե՜ս թքեց Գանկայի ռեխին։ Համարձակն է Վարկան։ Իսկ դուք չթքեցիք, և ես համոզված եմ, որ դա համարձակության պակասությունից չէր։ Բայց ահա և նա ինքը, անունը տուր, սուփրան բաց արա։ Ես գիտեի, որ նա կգա, նա ազնիվ է, թեև թերություններ ունի։
 +
 +
— Իսկ դու այստեղ գործ չունես,— ամենից առաջ նրա վրա հարձակվեց Վարյան,— գնա հայրիկի մոտ։ Նա ձեզ ձանձրացնո՞ւմ է, իշխան։
 +
 +
— Բոլորովին ոչ, ընդհակառակը։
 +
 +
— Դե, ավագ քույր, սկսե՜ց։ Ահա հենց սա է նրա մեջ վատը։ Ի դեպ, ախր ես կարծում էի, թե հայրս հավանաբար Ռոգոժինի հետ կգնա։ Երևի հիմա զղջում է։ Իսկապես, տեսնեմ, թե ինչ է անում,— ավելացրեց Կոլյան դուրս գալով։
 +
 +
— Փառք աստծու, մայրիկիս տարա և պառկեցրի, և ոչ մի բան չնորոգվեց։ Գանյան անհարմար վիճակում է և մտախոհ։ Եվ կա մտածելու բան։ Ի՜նչ դաս էր... Ես եկա մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելու և հարցնելու, իշխան, դուք մինչև հիմա չէի՞ք ճանաչում Նաստասյա Ֆիլիպովնային։
 +
 +
— Ոչ, չէի ճանաչում։
 +
 +
― Հապա ինչի՞ հիման վրա ուղղակի նրա երեսին ասացիք, թե նա «այդպիսին չի»։ Եվ, կարծես, կռահեցիք։ Պարզվեց, որ իսկապես, գուցե այդպիսին չէ։ Ասենք, ես նրան չեմ հասկանում, իհարկե, նա վիրավորելու նպատակ ուներ, դա պարզ է։ Ես առաջ էլ նրա մասին տարօրինակ շատ բան եմ լսել։ Բայց եթե նա եկել էր մեզ հրավիրելու, հապա ինչպե՞ս սկսեց վարվել մայրիկի հետ։ Պտիցինը նրան շատ լավ է ճանաչում, նա ասում է, որ նույնիսկ հասկանալ չկարողացավ նրան քիչ առաջ։ Իսկ Ռոգոժինի հե՞տ։ Այդպես չի կարելի խոսել քո․․․ փեսացուի տանը, եթե քեզ հարգում ես։ Մայրիկս էլ շատ է անհանգստանում ձեր մասին։
 +
 +
— Ոչինչ,— ասաց իշխանն ու ձեռքը թափ տվեց։
 +
 +
— Եվ ինչպես նա ձեզ լսեց...
 +
 +
— Ի՞նչ լսեց։
 +
 +
— Դուք նրան ասացիք, որ ամոթ է, և նա հանկարծ ամբողջովին փոխվեց։ Դուք նրա վրա ազդեցություն ունեք, իշխան,― ավելացրեց Վարյան՝ հազիվ նկատելի քմծիծաղով։
 +
 +
Դուռը բացվեց և բոլորովին անսպասելի ներս մտավ Գանյան։
 +
 +
Նա նույնիսկ չտատանվեց, տեսնելով Վարյային, մի պահ կանգնեց շեմքին և հանկարծ վճռականորեն մոտեցավ իշխանին։
 +
 +
— Իշխան, ես ստոր բան արեցի, ներեցեք ինձ, աղավնյակս,— ասաց նա հանկարծ մեծ զգացմունքով։ Նրա դիմագծերն արտահայտում էին ուժգին ցավ։ Իշխանը նայում էր ապշած և միանգամից չպատասխանեց։— Դե, ներեցեք, դե ներեցեք,— անհամբեր պնդում էր Գանյան,— դե, ուզո՞ւմ եք, ես հիմա ձեր ձեռքը կհամբուրեմ։
 +
 +
Իշխանն արտակարգ զարմացած ու լուռ, երկու ձեռքով գրկեց Գանյային։ Երկուսն էլ անկեղծորեն համբուրվեցին։
 +
 +
— Ես բոլորովին, բոլորովին չէի կարծում, թե դուք այդպիսին եք,— ասաց, վերջապես, իշխանը, դժվարությամբ շունչը ետ բերելով,— ես կարծում էի, թե դուք․․․ ընդունակ չեք։
 +
 +
— Ներողությո՞ւն խնդրելու․․․ Եվ ինչո՞ւ, ինչու այն ժամանակ ես մտածեցի, թե դուք ապուշ եք։ Դուք նկատում եք այն, ինչ ուրիշները երբեք չեն նկատի։ Ձեզ հետ կարելի կլիներ խոսել, բայց... ավելի լավ է չխոսենք։
 +
 +
— Ահա մեկ էլ ումից ներողություն խնդրեցեք,― ասաց իշխանը, ցույց տալով Վարյային։
 +
 +
— Ոչ, դրանք բոլորն արդեն իմ թշնամիներն են։ Հավատացած եղեք, իշխան, շատ փորձեր են եղել, այստեղ անկեղծորեն չեն ներում,— տաք-տաք դուրս թռավ Գանյայի բերանից և նա Վարյայից շրջեց երեսը։
 +
 +
— Ոչ, կներեմ,— ասաց հանկարծ Վարյան։
 +
 +
— Եվ երեկոյան կգա՞ս Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ։
 +
 +
— Կգամ, եթե հրամայես, բայց լավ է ինքդ դատես. հիմա որևէ կերպ հնարավոր կլինի՞ իմ գալը։
 +
 +
— Ախր նա այդպիսին չէ։ Նա, տեսնո՞ւմ ես, ինչ հանելուկներ է առաջարկում։ Ֆոկուսնե՜ր,— և Գանյան չար ծիծաղեց։
 +
 +
— Ինքս էլ գիտեմ, որ այդպիսին չէ և ֆոկուսներ ունի, բայց ինչպիսի՜։ Եվ մեկ էլ, տես, Գանյա, նա ինքը քեզ ինչի տեղ է դնում։ Շատ էլ նա մայրիկի ձեռքը համբուրեց։ Շատ էլ դրանք ինչ֊որ ֆոկուսներ են, բայց չէ՞ որ, համենայն դեպս, նա ծիծաղում էր քեզ վրա։ Դա յոթանասունհինգ հազար չարժի, աստված վկա, եղբայր։ Դու դեռ ընդունակ ես ազնիվ զգացմունքների, դրա համար էլ ասում եմ քեզ։ Լսիր, մի՛ գնա ինքդ էլ։ Զգուշացի՛ր։ Դա չի՛ կարող լավ վերջանալ։
 +
 +
Այդ ասելով, Վարյան դուրս եկավ սենյակից ամբողջովին հուզված...
 +
 +
— Ահա, նրանք բոլորն այդպե՜ս են,― ասաց Գանյան քմծիծաղով,― և մի՞թե նրանք կարծում են, որ ես ինքս դա չգիտեմ։ Ախր ես նրանցից շատ ավելին գիտեմ։
 +
 +
Այդ ասելով, Գանյան նստեց բազմոցին, ըստ երևույթին ցանկանալով շարունակել այցելությունը։
 +
 +
— Եթե ինքներդ գիտեք,— հարցրեց իշխանը բավական երկչոտ,― հապա ինչպե՞ս եք այդպիսի տանջանք ընտրել, գիտենալով, որ իրոք, դա յոթանասունհինգ հազար չարժի։
 +
 +
— Ես դրա՛ մասին չեմ ասում,— քրթմնջաց Գանյան,— բայց, ի դեպ, ասացեք ինձ, ինչպե՞ս եք կարծում, ես հենց ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, արժի՞ արդյոք այդ «տանջանքը» յոթանասունհինգ հազար, թե՞ չարժի։
 +
 +
— Իմ կարծիքով, չարժի։
 +
 +
— Դե, պարզ է։ Եվ այդպես ամուսնանա՞լն էլ ամոթ է։
 +
 +
— Շատ ամոթ է։
 +
 +
— Դե, ուրեմն գիտցեք, որ ես կամուսնանամ, և հիմա արդեն անպայման։ Դեռ քիչ առաջ տատանվում էի, իսկ հիմա արդեն ոչ։ Մի խոսեք։ Ես գիտեմ, ինչ եք ուզում ասել․․․
 +
 +
— Ես այն չեմ ուզում ասել, ինչ կարծում եք, այլ ինձ շատ է զարմացնում ձեր չափազանց վստահությունը․․․
 +
 +
— Ինչի՞ն։ Ի՞նչ վստահություն։
 +
 +
— Նրան, որ Նաստասյա Ֆիլիպովնան անպայման ձեզ մարդու կգնա և որ այդ ամենը արդեն վերջացած է, և երկրորդ, եթե նույնիսկ մարդու էլ գնար, յոթանասունհինգ հազարը ուղղակի ձեր գրպանը կմտնի։ Ասենք, իհարկե, ես այստեղ շատ բան չգիտեմ։
 +
 +
Գանյան ուժեղ շարժվեց իշխանի կողմը։
 +
 +
— Իհարկե, դուք ամեն ինչ չգիտեք,— ասաց նա,— և ինչո՞ւ պիտի ես այդ ամբողջ բեռը ընդունեի։
 +
 +
— Ես կարծում եմ, որ դա շատ հաճախ է պատահում․ ամուսնանում են փողի հետ, իսկ փողը կնոջ ձեռքին է լինում։
 +
 +
— Ո֊ոչ, մերն այդպես չի լինի... այստեղ... այստեղ հանգամանքներ կան,― մրթմրթաց Գանյան անհանգիստ մտածմունքով։— Իսկ ինչ վերաբերում է նրա պատասխանին, ապա դրանում արդեն կասկած չկա,— ավելացրեց նա արագ։— Դուք ինչի՞ց եք եզրակացնում, որ նա ինձ կմերժի։
 +
 +
— Ես ոչինչ չգիտեմ բացի նրանից, ինչ տեսա. ահա Վարվառա Արդալիոնովնան էլ հիմա ասում էր...
 +
 +
— Է՜։ Նրանք այնպես, չգիտեն, թե ինչ ասեն։ Իսկ Ռոգոժինի վրա նա ծիծաղում էր, համոզված եղեք, դա ես նկատեցի։ Դա երևում էր։ Ես այն ժամանակ վախեցա, իսկ հիմա նկատեցի։ Կամ, թերևս այն, թե նա ինչպես վարվեց մորս ու հորս և Վարյայի հե՞տ։
 +
 +
— Եվ ձեզ հետ։
 +
 +
― Թերևս, բայց այստեղ կանացի տարօրինակ վրիժառություն է, և ուրիշ ոչինչ։ Նա սարսափելի բորբոքվող, կասկածամիտ և ինքնասեր կին է։ Իսկական չինովնիկ, որի աստիճանը բարձրացնելն անտեսել են. նա ուզում էր ցույց տալ իրեն և իր ողջ արհամարհանքը նրանց նկատմամբ․․․ և իմ նկատմամբ, դա ճիշտ է, ես չեմ ժխտում․․․ Բայց և այնպես կամուսնանա ինձ հետ։ Ձեր մտքովն էլ չի անցնում, թե ինչ ֆոկուսների է ընդունակ մարդկային ինքնասիրությունը, ահա նա ինձ սրիկա է համարում այն բանի համար, որ ես նրան՝ ուրիշի սիրուհուն, այսպես բացահայտ առնում եմ նրա փողերի համար, իսկ չգիտի էլ, որ մեկ ուրիշը նրան ավելի սրիկայաբար կխաբեր, կկպչեր նրան ու կսկսեր նրա առաջ ազատամիտ֊առաջադիմական բաներ շաղ տալ, և կանացի զանազան հարցերից առաջ քաշել, այդ դեպքում նա ամբողջովին թելի պես կանցներ նրա ասեղի ծակով։ Կհամոզեր այդ ինքնասեր հիմարին (և այնպես հեշտ), որ նրան առնում է միայն «սրտի ազնվության և դժբախտությունների համար», իսկ ինքը, համենայն դեպս, փողի հետ կամուսնանար։ Ես այստեղ դուր չեմ գալիս, որովհետև պոչ խաղացնել չեմ ուզում, բայց պետք էր որ խաղացնեի։ Իսկ ի՞նքն ինչ է անում։ Մի՞թե նույնը չի անում։ Ուրեմն դրանից հետո էլ ինչո՞ւ է ինձ արհամարհում և այդ խաղերը սարքում։ Նրա համար, որ ես ինքս անձնատուր չեմ լինում և հպարտություն եմ ցուցաբերում։ Բայց կտեսնե՜նք։
 +
 +
— Մի՞թե մինչ այդ դուք նրան սիրում էիք։
 +
 +
— Սկզբում սիրում էի։ Բայց բավական է... կանայք կան, որոնք պիտանի են միայն սիրուհի լինելու և ուրիշ ոչինչ։ Ես չեմ ասում, թե նա իմ սիրուհին է եղել։ Եթե կուզենա հանդարտ ապրել, ես էլ հանդարտ կապրեմ, իսկ եթե ապստամբի, անմիջապես բաց կթողնեմ, իսկ փողը հետս կվերցնեմ։ Ես ծիծաղելի լինել չեմ ուզում, ամենից առաջ չեմ ուզում լինել ծիծաղելի։
 +
 +
— Ինձ շարունակ թվում է,— զգուշությամբ նկատեց իշխանը,— որ Նաստասյա Ֆիլիպովնան խելացի է։ Նրա ինչի՞ն է պետք, այդպիսի տանջանքը նախազգալով, թակարդն ընկնել։ Չէ՞ որ կարող էր ուրիշի հետ էլ ամուսնանալ։ Ահա թե ինչն է ինձ զարմացնում։
 +
 +
― Ահա հենց այստեղ է հաշիվը։ Դուք այստեղ ամեն ինչ չգիտեք, իշխան... այստեղ... և, բացի այդ, նա համոզված է, որ խելագարի պես սիրում եմ նրան, երդվում եմ, և, գիտե՞ք, խիստ կասկածում եմ, որ նա էլ ինձ է սիրում, այսինքն՝ յուրովի, առածը գիտեք. «Ում որ սիրում եմ, նրան էլ ծեծում եմ»։ Նա ամբողջ կյանքում ինձ ագուռի վալետ կհամարի (գուցե նրան հենց այդ էլ պետք է) և համենայն դեպս յուրովի կսիրի․ նա դրան է պատրաստվում, բնավորությունն այդպիսին է։ Ես ձեզ կասեմ, նա չափազանց ռուս կին է. դե, իսկ ես նրան իմ սյուրպրիզը կպատրաստեմ։ Այդ քիչ առաջվա տեսարանը Վարյայի հետ պատահմամբ տեղի ունեցավ, բայց ինձ օգուտ էր․ նա հիմա տեսավ և համոզվեց իմ նվիրվածությանը և այն, որ նրա համար բոլոր կապերս կխզեմ։ Նշանակում է, մենք էլ հիմար չենք, համոզված եղեք։ Ի դեպ, հո չե՞ք մտածում, որ ես այսպիսի շաղակրատն եմ։ Ես, աղավնյակ իշխան, գուցե, իսկապես էլ վատ եմ անում, որ ձեզ վստահում եմ։ Բայց հենց նրա համար, որ ազնիվ մարդկանցից դուք առաջինն ինձ պատահեցիք, ես էլ հարձակվեցի ձեզ վրա, այսինքն՝ «հարձակվեցի»֊ն դուք իբրև բառախաղ մի ընդունեք։ Չէ՞ որ քիչ առաջ պատահածի համար դուք չեք բարկանում, հը՞։ Ես ամբողջ երկու տարվա ընթացքում գուցե առաջին անգամն է, որ սրտանց խոսում եմ։ Այստեղ շատ քիչ կան ազնիվ մարդիկ. Պտիցինից ավելի ազնիվը չկա։ Ինչ է, դուք կարծես ծիծաղում եք, թե՞ ոչ։ Սրիկաները սիրում են ազնիվ մարդկանց, դուք այդ չգիտեի՞ք։ Իսկ ես ախր... Բայց, ասենք, ինչո՞վ եմ ես սրիկա, խղճի մտոք ասացեք ինձ։ Ի՞նչ են բոլորը նրա հետևից ինձ սրիկա անվանում։ Եվ գիտե՞ք, նրանց բոլորի և Նաստասյա Ֆիլիպովնայի հետևից ես ինքս էլ ինձ սրիկա եմ անվանում։ Ահա թե որն է սրիկայությունը։
 +
 +
— Ես հիմա արդեն երբեք ձեզ սրիկա չեմ համարի,― ասաց իշխանը,― Քիչ առաջ ես ձեզ արդեն բոլորովին չարագործի տեղ դրի, և հանկարծ դուք ինձ այնպես ուրախացրիք, ահա և դաս՝ առանց փորձ ունենալու, մարդկանց չդատել։ Հիմա տեսնում եմ, որ ձեզ ոչ միայն չարագործ, այլ նույնիսկ չափից ավելի փչացած մարդ չի կարելի համարել։ Դուք, իմ կարծիքով, ուղղակի ամենասովորական մարդն եք, ինչպիսին կարող է լինել, միայն թե շատ թույլ և բոլորովին ոչ ինքնատիպ։
 +
 +
Գանյան խայթիչ քմծիծաղ տվեց իր մեջ, բայց լռեց։ Իշխանը տեսավ, որ իր կարծիքը դուր չեկավ, շփոթվեց և նույնպես ձայնը կտրեց։
 +
 +
— Հայրս ձեզնից փող խնդրե՞ց,— հարցրեց հանկարծ Գանյան։
 +
 +
— Ոչ։
 +
 +
— Կխնդրի, չտաք։ Բայց չէ՞ որ ժամանակին նույնիսկ կարգին մարդ էր, ես հիշում եմ։ Նրան լավ մարդկանց մոտ թողնում էին։ Եվ ինչպե՜ս արագ են վերջանում նրանք բոլորը, այդ հին կարգին մարդիկ։ Հենց որ մի քիչ փոխվում են հանգամանքները, արդեն ոչինչ չի մնում առաջվանից, կարծես վառոդը այրվել է։ Նա առաջ այդպես չէր ստում, հավատացնում եմ ձեզ. առաջ նա միայն չափազանց խանդավառ մարդ էր, և ահա թե ինչի վերածվեց դա։ Իհարկե, կինն է մեղավոր։ Գիտե՞ք, որ նա սիրուհի է պահում։ Նա արդեն լոկ անմեղ սուտասան չի հիմա։ Հասկանալ չեմ կարող մայրիկի համբերատարությունը։ Նա ձեզ պատմե՞ց Կարսի պաշարման մասին։ Կամ այն մասին, թե ինչպես նրա մոխրագույն կողաձին խոսել է սկսել։ Ախր նա մինչև այդտեղ է հասնում։
 +
 +
Եվ Գանյան հանկարծ ուղղակի ծիծաղից թուլացավ։
 +
 +
— Ի՞նչ եք այդպես նայում ինձ,― հարցրեց նա իշխանին։
 +
 +
— Ես զարմանում եմ, որ դուք այդպես անկեղծ ծիծաղեցիք։ Ճշմարիտ, ձեր ծիծաղի մեջ դեռևս մանկական բան կա։ Քիչ առաջ դուք ներս մտաք ու ասում եք. «Ուզո՞ւմ եք, ես ձեր ձեռքը կհամբուրեմ», իսկ և իսկ այդպես երեխաները կհաշտվեին։ Նշանակում է, դուք դեռևս ընդունակ եք այդպիսի խոսքերի ու մղումների։ Եվ հանկարծ սկսում եք մի ամբողջ դասախոսություն կարդալ այդ խավարի և այդ յոթանասունհինգ հազարի մասին։ Ճշմարիտ, այս բոլորը մի տեսակ անհեթեթ է և չի կարող պատահել։
 +
 +
— Եվ ի՞նլ եք ուզում եզրակացնել դրանից։
 +
 +
— Այն, որ արդյոք չափազանց թեթևամտորեն չե՞ք վարվում, արդյոք նախ շուրջներդ չնայե՞ք։ Վարվառա Արդալիոնովնան, գուցե և, ճի՞շտ է ասում։
 +
 +
— Ա՜, բարոյախոսություն։ Որ ես դեռ խոխա եմ, այդ ես ինքս էլ գիտեմ,— տաք֊տաք ընդհատեց Գանյան,— և հենց թեկուզ նրանով, որ ձեզ հետ այսպիսի խոսակցություն բացեցի։ Ես, իշխան, այդ խավարի մեջ հաշվով չեմ մտնում,— շարունակեց նա, խոսք թռցնելով, ինչպես ինքնասիրությունը խոցված երիտասարդ մարդ,— հաշվով ես հավանաբար կսխալվեի, որովհետև թե գլխով, բնավորությամբ դեռ ամուր չեմ։ Ես կրքից, հափշտակությունից մղված եմ մտնում, որովհետև հիմնական նպատակ ունեմ։ Դուք ահա կարծում եք, որ ես յոթանասունհինգ հազարը կստանամ և անմիջապես կառք կգնեմ։ Ո֊ո՜չ, ես այն ժամանակ իմ երրորդ տարվա հին սերթուկը կշարունակեմ մաշել և բոյոր ակումբային ծանոթություններս կխզեմ։ Մեզ մոտ քիչ կան դիմացկուն մարդիկ, թեպետև նրանք բոլորը վաշխառուներ են, իսկ ես ուզում եմ դիմանալ։ Այստեղ գլխավորը մինչև վերջ հասնելն է․ սա է խնդիրը։ Պտիցինը՝ տասնյոթ տարեկան, փողոցում էր քնում, գրչահատ դանակների առևտուր էր անում և կոպեկից էր սկսել. հիմա նա վաթսուն հազար ունի, միայն թե ինչպիսի՜ մարմնամարզությունից հետո։ Ահա հենց այդ մարմնամարզության վրայով ես կթռչեմ և ուղղակի կապիտալից կսկսեմ. տասնհինգ տարի հետո կասեն. «Ահա Իվոլգինը, Հրեից թագավո՜րը»։ Դուք ինձ ասում եք, թե ինքնատիպ մարդ չեմ։ Նկատի ունեցեք, սիրելի իշխան, որ մեր ժամանակի ու ցեղի մարդու համար ոչինչ ավելի վիրավորական չկա, քան այն, որ նրան ասեն, թե նա ինքնատիպ չէ, բնավորությամբ թույլ է, առանց հատուկ տաղանդների է և սովորական մարդ է։ Դուք ինձ չարժանացրիք նույնիսկ լավ սրիկա համարելու և, գիտե՞ք, ես քիչ առաջ դրա համար ուզում էի ձեզ կուլ տալ։ Դուք ինձ ավելի սաստիկ վիրավորեցիք, քան Եպանչինը, որը համարում է (և առանը խոսք ու զրույցի, առանց գայթակղությունների, պարզասրտությունից, նկատի ունեցեք այս), որ ընդունակ եմ կնոջս նրան ծախելու։ Դա, եղբայր, ինձ արդեն վաղուց կատաղեցնում է, և ես ուզում եմ փող ունենալ։ Փող վաստակելով, նկատեցեք, ես կդառնամ վերին աստիճանի ինքնատիպ մարդ։ Փողը ամենից ավելի նրանով է ստոր ու ատելի, որ նա նույնիսկ տաղանդ է տալիս։ Եվ միշտ կտա, քանի այս աշխարհը կա։ Դուք կասեք, թե այդ բոլորը երեխայավարի է կամ, թերևս, պոեզիա, ինչ կա որ, ավելի ևս ուրախ կլինեմ, իսկ գործը, համենայն դեպս, կարվի։ Մինչև վերջ կհասցնեմ ու կդիմանամ։ Rira bien, qui rira le dernier!<ref>Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում (ֆրանս․)։</ref> Ինձ Եպանչինն ինչո՞ւ է այդպես վիրավորում։ Չարաթյունի՞ց, ինչ է։ Բոլորովի՛ն։ Ուղղակի նրա համար, որ ես չափազանց չնչին եմ։ Դե, իսկ այն ժամանակ... բայց, բավական է, և ժամանակն է։ Կոլյան արդեն երկու անգամ քիթը Ներս է խոթել, նա ձեզ ճաշի է կանչում։ Իսկ ես դրսեցի եմ։ Ես մեկ-մեկ կանցնեմ ձեզ մոտ։ Ձեզ համար մեր տանը վատ չի լինի, հիմա ձեզ ուղղակի հարազատի տեղ կդնեն։ Դե, տեսեք, չմատնեք։ Ինձ թվում է, որ ես ու դուք կամ բարեկամներ, կամ թշնամիներ կլինենք։ Իսկ ի՞նչ եք կարծում, իշխան, եթե ես քիչ առաջ ձեր ձեռքը համբուրեի (ինչպես որ անկեղծորեն հանձն առա), հետագայում դրա համար ձեր թշնամին կդառնայի՞։
 +
 +
— Անպայման կդառնայիք, միայն ոչ ընդմիշտ, հետո չէիք դիմանա ու կներեիք,— վճռեց իշխանը՝ փոքր֊ինչ մտածելով ու ծիծաղելով։
 +
 +
— Էհե՜, ձեզ հետ պետք է ավելի զգույշ լինել։ Գրողը տանի, դուք այստեղ էլ թույն լցրիք։ Իսկ ո՞վ գիտի, գուցե դուք ինձ հենց թշնամի եք։ Ի դեպ, հա՜֊հա՜֊հա՜։ Նույնիսկ մոռացա հարցնել, ինձ արդյոք ճի՞շտ թվաց, որ կարծես թե Նաստասյա Ֆիլիպովնան ձեզ շատ է դուր գալիս։
 +
 +
— Այո... դուր է գալիս։
 +
 +
— Սիրահարվա՞ծ եք։
 +
 +
— Ո֊ոչ։
 +
 +
— Բայց ամբողջովին շիկնեց ու տանջվում է։ Դե, ոչինչ, ոչինչ, չեմ ծիծաղի․ ցտեսություն։ Իսկ գիտե՞ք, որ նա առաքինի կին է, կարո՞ղ եք դրան հավատալ։ Դուք կարծում եք նա ապրո՞ւմ է այն Տոցկու հետ։ Ո֊ո՜չ։ Եվ արդեն վաղուց։ Իսկ նկատեցի՞ք, որ նա ինքը սաստիկ ամաչկոտ է և այն ժամանակ որոշ րոպեներ շփոթվում էր։ Իրավ։ Ահա հենց այդպիսիներն են, որ սիրում են իշխել։ Դե, մնաք բարով։
 +
 +
Գանեչկան դուրս եկավ ավելի սանձարձակ, քան ներս էր մտել և լավ տրամադրությամբ։ Իշխանը մի տասը րոպե մնացել էր անշարժ ու մտածում էր։
 +
 +
Կոլյան դարձյալ գլուխը ներս խոթեց դրսից։
 +
 +
— Ես չեմ ուզում ճաշել, Կոլյա, ես քիչ առաջ Եպանչինների մոտ լավ նախաճաշեցի։
 +
 +
Կոլյան դռնից ներս մտավ և իշխանին մի տոմսակ տվեց։ Դա գեներալից էր, ծալված ու կնքած։ Կոլյայի դեմքից երևում էր, թե նրա համար որքան ծանր էր դա հանձնելը։ Իշխանը կարդաց, վեր կացավ ու վերցրեց գլխարկը։
 +
 +
— Դա երկու քայլի վրա է,― շփոթված ասաց Կոլյան։— Նա հիմա այնտեղ նստած է՝ շիշն առաջին։ Եվ ինչո՞վ է այնտեղ վարկ ձեռք բերել, հասկանալ չեմ կարող։ Իշխան, հոգյակ, խնդրում եմ, հետո այստեղ իմ մասին չասեք մերոնց, որ ձեզ տոմսակ եմ հանձնել։ Հազար անգամ երդվել եմ այդ տոմսակները չհանձնել, բայց մեղքս գալիս է. մեկ էլ ահա թե ինչ, նրանից մի քաշվեք. տվեք մի չնչին գումար և վերջ։
 +
 +
— Ես ինքս էլ, Կոլյա, մտադիր էի. ինձ պետք էր տեսնել ձեր հայրիկին... մի առիթով... Գնանք, ուրեմն։
 +
 +
=== XII ===
 +
 +
Կոլյան իշխանին ուղեկցեց մինչև Lիտեյնայա, մի սրճարան֊բիլիարդանոց, ցածի հարկում, մուտքը փողոցի կողմից։ Այստեղ աջակողմյան անկյունում, առանձին սենյակում, ինչպես սովորական հին հաճախորդ, տեղավորվել էր Արդալիոն Ալեքսանդրովիչը, շիշն առաջը գրած փոքրիկ սեղանին և իրոք «Independance Belցe»֊ի ձեռքին։ Նա սպասում էր իշխանին. հենց որ տեսավ, անմիջապես մի կողմ դրեց լրագիրը և սկսեց տաք֊տաք երկար֊բարակ մի բացատրություն, որից, ի դեպ, իշխանը գրեթե ոչինչ չհասկացավ, որովհետև գեներալը արդեն համարյա պատրաստ էր։
 +
 +
— Տասը ռուբլի ես չունեմ,— ընդհատեց իշխանը,— Բայց ահա քսանհինգ, մանրեցեք և տասնհինգը ինձ տվեք, որովհետև ես ինքս էլ մնում եմ առանց կոպեկի։
 +
 +
— Օ, անկասկած, և վստահ եղեք, որ դա իսկույն ևեթ...
 +
 +
— Բացի այդ, ես մի ուրիշ խնդիրք ունեմ, գեներալ։ Դուք երբե՞ք չեք եղել Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ։
 +
 +
— Ե՞ս։ Ե՞ս չեմ եղել, դուք այդ ի՞նձ եք ասում։ Մի քանի անգամ, սիրելիս, մի քանի անգամ,— բղավեց գեներալն ինքնագոհ և հաղթական իրոնիայի նոպայով,— բայց ես, վերջապես, ինքս վերջ տվի, որովհետև չեմ ուզում խրախուսել անվայելուչ միությունը։ Դուք ինքներդ տեսաք, դուք վկա էիք այս առավոտ, ես արեցի այն ամենը, ինչ կարող էր անել հայրը, բայց հեզ և ներողամիտ հայրը, իսկ հիմա բեմ դուրս կգա մի ուրիշ տեսակի հայր, և այն ժամանակ կտեսնեք, կնայեք, արդյոք վաստակած հին զորակա՞նը կհաղթահարի ինտրիգը, թե՞ անամոթ կամելիան կմտնի ազնվաբարո ընտանիքը։
 +
 +
— Իսկ ես հենց ուզում էի ձեզ խնդրել, չե՞ք կարող դուք, որպես ծանոթ, այսօր երեկոյան ինձ տանել Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ։ Դա ինձ պետք է անպայման հենց այսօր, ես գործ ունեմ, բայց ես բոլորովին չգիտեմ, թե ինչպես մտնեմ։ Ինձ այն ժամանակ ծանոթացրին, բայց չհրավիրվեցի, այսօր այնտեղ հրավիրյալ երեկույթ է։ Ես, ի դեպ, պատրաստ եմ թռչել որոշ քաղաքավարությունների վրայից, և նույնիսկ թող վրաս ծիծաղեն, միայն թե մի կերպ մտնեմ։
 +
 +
— Եվ դուք միանգամայն, միանգամայն իմ միտքն արտահայտեցիք, իմ երիտասարդ բարեկամ,— բացականչեց գեներալը հիացմունքով,— ես ձեզ այս մանրուքի համար չէի կանչել,— շարունակեց նա, ընդսմին չանթելով փողը և ուղարկելով իր գրպանը,— ես հենց կանչում էի ձեզ, որպեսզի հրավիրեի ընկերանալու դեպի Նաստասյա Ֆիլիպովնան արշավելու, կամ, ավելի լավ է ասել, Նաստասյա Ֆիլիպովնայի վրա արշավելու։ Գեներալ Իվոլգինը և իշխան Մի՜շկիՆը։ Ի՜նչ տպավորություն կգործի սա նրա վրա։ Իսկ ես, նրա ծննդյան օրը, սիրալիրության անվան տակ, վերջապես, կբարբառեմ իմ կամքը, անուղղակի, ոչ ուղղակի, բայց ամեն ինչ կլինի կարծես թե նաև ուղղակի։ Այն ժամանակ Գանյան ինքը կտեսնի, թե ինչպես վարվի, արդյոք վաստակած և... այսպես ասած... և այլն հա՞յրը, թե... բայց ինչ լինելու է, այն էլ կլինի։ Ձեր իդեան վերին աստիճանի արգասավոր է։ Ժամը իննին մենք կգնանք, մենք դեռ ժամանակ ունենք։
 +
 +
— Նա որտե՞ղ է ապրում։
 +
 +
— Այստեղից հեռու է. Մեծ թատրոնի մոտ, Միտովցովայի տանը, համարյա հենց հրապարակի վրա, գեղահարկում... Նրա մոտ մեծ հավաքույթ չի լինի, շատ էլ որ անվանակոչիկ է, և վաղ կցրվեն...
 +
 +
Վաղուց արդեն երեկո էր. իշխանը դեռ նստած ականջ էր դնում, սպասում էր գեներալին, որն անթիվ-անհամար անեկդոտներ էր սկսում, բայց ոչ մեկը չէր վերջացնում։ Երբ իշխանը եկավ, նա մի նոր շիշ պահանջեց և միայն մի ժամ հետո վերջացրեց այն, հետո մի ուրիշը պահանջեց և դա էլ վերջացրեց։ Պետք է ենթադրել, որ այդ ընթացքում գեներալը հասցրեց պատմել համարյա իր ամբողջ պատմությունը։ Վերջապես, իշխանը վեր կացավ և ասաց, որ այլևս չի կարող սպասել։ Գեներալը շշից խմեց վերջին տակուցքը, վեր կացավ և դուրս եկավ սենյակից, ոտները շատ անհաստատ փոխելով։ Իշխանը հուսահատված էր։ Նա չէր կարող հասկանալ, թե ինչպե՞ս կարող էր այդպես հիմարաբար վստահել։ Ըստ էության նա երբեք չէր էլ վստահել, նա հույսը դրել էր գեներալի վրա, որպեսզի միայն որևէ կերպ մտներ Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ, թեկուզև որոշ սկանդալի գնով, բայց չէ՞ որ նկատի չուներ արտակարգ սկանդալ. դուրս եկավ, որ գեներալը բոլորովին հարբած էր, սաստիկ պերճախոսությամբ տարված, և խոսում էր առանց դադարի, զգացված, հոգում արցունքներ։ Խոսքը շարունակ այն մասին էր, որ իր ընտանիքի բոլոր անդամների վատ վարքի պատճառով ամեն ինչ կործանվում էր, և որ, վերջապես, ժամանակն է այդ ամենին վերջ տալու։ Նրանք վերջապես դուրս եկան Լիտեյնայա։ Հալոցքը դեռ շարունակվում էր. վհատ, գաղջ, խոնավ քամին սուլում էր փողոցներում, կառքերը շլմփում էին ցեխի մեջ, վարգուն ձիերն ու յաբուները պայտերը զրնգուն խփում էին սալահատակին։ Հետիոտն անցորդները վհատ ու թրջված ամբոխով թափառում էին մայթերի վրա։ Պատահում էին հարբածներ։
 +
 +
— Տեսնո՞ւմ եք այդ լուսավորված գեղահարկերը,— ասում էր գեներալը,— այստեղ են ապրում իմ բոլոր ընկերները, իսկ ես, որ առավել երկար եմ ծառայել և առավել տուժել, ես հետիոտն քարշ եմ գալիս դեպի Մեծ թատրոն, մի կասկածելի կնոջ բնակարան։ Մի մարդ, որի կրծքում տասներեք գնդակ կա... չե՞ք հավատում։ Մինչդեռ միայն ինձ համար Պիրոգովը Փարիզ հեռագրեց և ժամանակավորապես հեռացավ պաշարված Սևաստոպոլից, իսկ Նելատոնը՝ Փարիզի արքունի բժիշկը, հանուն գիտության ազատ անցագիր ձեռք բերեց և պաշարված Սևաստոպոլ եկավ ինձ քննելու։ Այդ մասին ամենաբարձր հրամանատարությանը հայտնի է. «Հա՜, դա այն Իվոլգի՞նն է, որի կրծքում տասներեք գնդակ կա»... Ահա՛ թե ինչպես են ասում։ Տեսնո՞ւմ եք այս տունը, իշխան։ Այստեղ, գեղահարկում ապրում է հին ընկերս՝ գեներալ Սոկոլովիչը, ամենաազնիվ և ամենաբազմանդամ ընտանիքով։ Ահա այս տունը և երեք տուն Նևսկու վրա, մեկ էլ երկու տուն Մորսկայա փողոցի վրա — ահա իմ այժմյան ծանոթության ողջ շրջանակը, այսինքն, իսկն ասած, իմ անձնական ծանոթության։ Նինա Ալեքսանդրովնան արդեն վաղուց է հնազանդվել հանգամանքներին։ Իսկ ես դեռ շարունակում եմ մտաբերել... և, այսպես ասած, հանգստանալ նախկին ընկերներիս և ստորադրյալներիս ուսյալ միջավայրում, որոնք մինչև հիմա ինձ պաշտում են։ Այս գեներալ Սոկոլովիչը (ի դեպ, վաղուց է նրա մոտ չեմ եղել և Աննա Ֆյոդորովնային չեմ տեսել)․․․ գիտե՞ք, սիրելի իշխան, երբ ինքդ չես ընդունում, ակամա դու էլ դադարում ես ուրիշների մոտ գնալուց։ Մինչդեռ․․․ հըմ․․․ դուք, կարծես, չեք հավատում․․․ Ի դեպ, ինչո՞ւ իմ մանկության լավագույն բարեկամի ու ընկերոջ որդուն չմտցնեմ այս հմայիչ ընտանեկան տունը։ Գեներալ Իվոլգինը և իշխան Մի՜շկինը։ Դուք կտեսնեք մի հրաշագեղ աղջիկ, ասենք, ոչ մեկ, երկու, նույնիսկ երեք, մայրաքաղաքի և հասարակության զարդը, գեղեցկություն, կրթություն, ուղղություն... կանանց հարց, բանաստեղծություններ, այդ բոլորը միացել է որպես մի երջանիկ բազմազան խառնուրդ, չհաշված առնվազն ութսուն հազար ռուբլի զուտ փողով հաշված օժիտը յուրաքանչյուրին, որը երբեք ոչ մի կանանց և սոցիալական հարցի դեպքում չի խանգարում... մի խոսքով, ես անպայման, անպայման պետք է և պարտավոր եմ ձեզ ծանոթացնել։ Գեներալ Իվոլգինը և իշխան Մի՜շկինը։
 +
 +
— Հիմա՞, ա՞յժմ։ Բայց դուք մոռացաք,— սկսեց իշխանը։
 +
 +
— Ես ոչինչ, ոչինչ չեմ մոռացել, գնանք։ Այստե՛ղ, դեպի այս հոյակապ սանդուղքը։ Զարմանում եմ, ինչպե՞ս է, որ բարապան չկա, բայց... տոն է, և բարապանը բացակայում է։ Դեռ չեն վռնդել այդ հարբեցողին։ Այդ Սոկոլովիչը իր կյանքի ու ծառայության ամբողջ երջանկությամբ պարտական է ինձ, միմիայն ինձ և ուրիշ ոչ ոքի, բայց... ահա և այստեղ ենք։
 +
 +
Իշխանն այլևս այցելությանը չէր առարկում և հնազանդ հետևում էր գեներալին, որպեսզի չգրգռի նրան, հաստատ հույս ունենալով, որ գեներալ Սոկոլովիչն ու ամբողջ ընտանիքը կամաց֊կամաց միրաժի պես կցնդեն, կպարզվի, որ գոյություն չունեն, և իրենք ամենայն հանգստությամբ ետ կիջնեն սանդուղքից։ Բայց, ի սարսափ իր, նա սկսեց կորցնել այդ հույսը, գեներալը նրան սանդուղքով վեր էր տանում, ինչպես մի մարդ, որ իրոք ծանոթներ ունի այստեղ, և րոպեն մեկ մաթեմատիկական ճշգրտություն պարունակող կենսագրական և տեղագրական ծանոթություններ էր տալիս։ Վերջապես, երբ արդեն գեղահարկը բարձրանալով կանգ առան աջ կողմում մի հարուստ բնակարանի դռան առաջ, և գեներալը բռնեց զանգակի կոթը, իշխանը վերջնականապես որոշեց փախչել. բայց մի տարօրինակ հանգամանք մի րոպեով նրան ետ պահեց։
 +
 +
— Դուք սխալվեցիք, գեներալ,— ասաց նա,— դռան վրա գրված է Կուլակով, իսկ դուք զանգ եք տալիս Սոկոլովիչին։
 +
 +
— Կուլակով... Կուլակովը ոչինչ չի ապացուցում։ Բնակարանը Սոկոլովիչինն է, և ես զանգ եմ տալիս Սոկոլովիչին, թքած Կուլակովի վրա... ահա և բացում են։
 +
 +
Դուռը իրոք բացվեց։ Լակեյը դուրս նայեց և ազդարարեց, որ «տերերը տանը չեն»։
 +
 +
— Ափսոս, ափսոս, և կարծես թե հակառակի պես,— խորագույն ափսոսանքով մի քանի անգամ կրկնեց Արդալիոն Ալեքսանդրովիչը։— Զեկուցեք, ուրեմն, սիրելիս, որ գեներալ Իվոլգինն ու իշխան Միշկինը ուզում էին անձնապես իրենց հարգանքը մատուցել և չափազանց, չափազանց ափսոսում են...
 +
 +
Այդ րոպեին սենյակներից բաց դռնով դուրս նայեց ևս մի դեմք, ըստ երևույթին տան տնտեսուհու, գուցե նույնիսկ տնային դաստիարակչուհու, մուգ զգեստ հագած, մոտ քառասուն տարեկան մի տիկնոջ դեմքը։ Նա մոտեցավ հետաքրքրությամբ ու թերահավատությամբ, լսելով գեներալ Իվոլգինի և իշխան Միշկինի անունները։
 +
 +
— Մարիա Ալեքսանդրովնան տանը չէ,— ասաց նա, առանձնապես ուշադիր նայելով գեներալին,― մեկնել է օրիորդի՝ Ալեքսանդրա Միխայլովնայի հետ, տատիկի մոտ։
 +
 +
— Ալեքսանդրա Միխայլովնան էլ նրա հետ, օ, աստված, ինչպիսի՜ դժբախտություն։ Եվ պատկերացրեք, տիկին, ինձ միշտ այսպիսի դժբախտություն է վիճակվում։ Խոնարհաբար խնդրում եմ հաղորդեցեք իմ ողջույնը, իսկ Ալեքսանդրա Միխայլովնային, որպեսզի միտը բերի... Մի խոսքով հաղորդեցեք նրանց իմ սրտալի ցանկությունը այն բանի, ինչ ինքն իրեն ցանկանում էր հինգշաբթի օրը, երեկոյան, Շոպենի բալլադի հնչյունների ներքո. նա հիշում է... իմ սրտալի՛ ցանկությո ւնը։ Գեներալ Իվոլգին և իշխան Մի՜շկին։
 +
 +
— Չեմ մոռանա,— գլուխ տվևց տիկինը, որ ավելի դյուրահավատ էր դարձել։
 +
 +
Սանդուղքներից իջնելիս, գեներալը դեռ տաք-տաք շարունակում էր ափսոսալ, որ տանը չգտան և որ իշխանը զրկվեց այդպիսի հմայիչ ծանոթությունից։
 +
 +
— Գիտե՞ք, սիրելիս, ես մի քիչ բանաստեղծ եմ հոգով, նկատեցի՞ք։ Ասենք... ասենք, կարծես թե մի քիչ սխալ տեղ էինք գնացել,― եզրակացրեց նա հանկարծ բոլորովին անսպասելի,— Սոկոլովիչները, ես հիմա հիշեցի, ուրիշ տան են ապրում և նույնիսկ, կարծեմ, հիմա Մոսկվայում են։ Այո, ես մի քիչ սխալվեցի, բայց դա․․․ ոչինչ։
 +
 +
— Ես միայն մի բան կուզեի իմանալ,— վհատ նկատեց իշխանը,— արդյոք բոլորովի՞ն դադարեմ ձեզ վրա հույս դնելուց, և մենակ չգնա՞մ։
 +
 +
— Դադարե՞ք։ Հույս դնելո՞ւց։ Մենա՞կ։ Բայց ինչո՞ւ, երբ դա ինձ համար հույժ կարևոր նախաձեռնություն է, որից այնքան բան է կախված իմ ամբողջ ընտանիքի ճակատագրի հարցում։ Բայց, իմ երիտասարդ բարեկամ, դուք վատ եք ճանաչում Իվոլգինին։ Ով ասում է «Իվոլգին», նա ասում է «պատնեշ», հույս դիր Իվոլգինի վրա, ինչպես պատնեշի վրա, ահա ինչպես էին ասում դեռևս այն էսկադրոնում, որտեղից սկսել եմ ծառայությունս։ Միայն թե ճանապարհին մի քանի րոպեով մտնեմ մի տուն, որտեղ ահա արդեն մի քանի տարի է տագնապներից ու փորձություններից հետո հանգստանում է հոգիս...
 +
 +
— Դուք ուզում եք մտնել տո՞ւն։
 +
 +
— Ո՜չ։ Ես ուզում եմ... այրի Տերենտևայի, կապիտան Տերենտևի, իմ նախկին ստորադրյալի․․․ և նույնիսկ բարեկամի այրու մոտ գնալ։ Այստեղ, կապիտանի այրու մոտ, ես վերածնվում եմ հոգով և այստեղ եմ բերում իմ առօրյա դարդ ու ցավերը... Եվ քանի որ հենց այսօր ես բարոյական շատ ծանր բեռ ունեմ, ուստի...
 +
 +
— Ես կարծում եմ, առանց այն էլ մեծ հիմարություն արեցի,— մրթմրթաց իշխանը,— որ քիչ առաջ ձեզ անհանգստացրի։ Ըստ որում դուք հիմա... մնաք բարո՛վ։
 +
 +
— Բայց ես չեմ կարող, ախր չեմ կարող ձեզ բաց թողնել մոտիցս, իմ երիտասարդ բարեկամ,— վրա պրծավ գեներալը,— այրի, ընտանիքի մայր, և իր սրտում թրթռացնում է այն լարերը, որոնք արձագանքում են իմ ողջ էության մեջ։ Նրան արած այցելությունը հինգ րոպե է, այս տանը ես առանց ձևականությունների եմ, ես այստեղ գրեթե ապրում եմ, լվացվեմ, ամենաանհրաժեշտ արդարանքն անեմ, այն ժամանակ կառքով կսլանանք դեպի Մեծ թատրոնը։ Համոզված եղեք, որ ամբողջ երեկո ես ձեր կարիքն ունեմ... Ահա այս տանն է, մենք արդեն հասանք... Ա՜, Կոլյա, դու արդեն այստե՞ղ ես։ Մարֆա Բորիսովնան տա՞նն է, թե՞ դու ինքդ էլ հենց նոր ես եկել։
 +
 +
— Օ ոչ,— պատասխանեց Կոլյան, որ նրանց հանդիպեց հենց տան դարպասում,— ես շատ վաղուց այստեղ եմ, Իպոլիտի հետ, նա վատացել է, այսօր առավոտյան պառկած էր։ Ես հիմա խաղաթղթերի համար կրպակ էի գնում։ Մարֆա Բորիսովնան սպասում է ձեզ։ Միայն, հայրիկ, ո՜ւխ, ինչպես եք...— եզրափակեց Կոլյան, ուշադիր նայելով գեներալի քայլվածքին ու կեցվածքին։— Դե, միասին գնանք։
 +
 +
Հանդիպումը Կոլյայի հետ իշխանին դրդեց գեներալին ուղեկցել նաև Մարֆա Բորիսովնայի մոտ, բայց միայն մի րոպեով։ Իշխանին հարկավոր էր Կոլյան, իսկ գեներալին, համենայն դեպս, որոշեց թողնել և իրեն չէր կարող ներել, որ քիչ առաջ մտածել էր հույսը նրա վրա դնել։ Բարձրանում էին երկար, չորրորդ հարկը, և ետնամուտքով։
 +
 +
— Ուզում եք իշխանի՞ն ծանոթացնել,— ճանապարհին հարցրեց Կոլյան։
 +
 +
— Այո, սիրելիս, ծանոթացնել. գեներալ Իվոլգինը և իշխան Մի՜շկինը, բայց ինչ... ինչպես է... Մարֆա Բորիսովնան...
 +
 +
— Գիտե՞ք, հայրիկ, լավ է չգնաք։ Կուտի՜։ Երրորդ օրն է քթներդ ցույց չեք տվել, իսկ նա փող է սպասում։ Դուք ինչո՞ւ եք նրան փող խոստացել։ Շարունա՜կ այդպես եք անում։ Հիմա տակից դուրս եկեք։
 +
 +
Չորրորդ հարկում կանգ առան մի ցածլիկ դռան առաջ։ Գեներալը ակնհայտորեն վախվխում էր և առաջ էր խցկում իշխանին։
 +
 +
— Իսկ ես այստեղ կմնամ,― մրթմրթում էր նա,— ես ուզում եմ սյուրպրիզ անել...
 +
 +
Կոլյան առաջինը ներս մտավ։ Մոտ քառասուն տարեկան մի տիկին, դեմքը սաստիկ շպարված ու կարմրաներկ քսած, ոտներին տուֆլիներ, կուցավեյկա հագած և մազերը հյուս արած, դռնից դուրս նայեց, և գեներալի սյուրպրիզը անսպասելիորեն հօդս ցնդեց։ Հենց որ տիկինը նրան տեսավ, անմիջապես սկսեց բղավել։
 +
 +
— Ահա՛ նա, ստոր և օձաբարո մարդը, այդպես էլ սպասում էր իմ սիրտը։
 +
 +
— Մտնենք, սա այնպես,— քրթմնջում էր գեներալը իշխանին, դեռևս փորձելով անմեղ ծիծաղով սքողել վիճակր։ Բայց դա «այնպես» չէր։ Խավար ու ցածլիկ նախասենյակով հազիվ մտել էին կես դյուժին հյուսած աթոռներով ու երկու թղթախաղի սեղանով կահավորված նեղլիկ դահքիճը, երբ տանտիրուհին անմիջապես շարունակեց մի տեսակ սերտած֊լալագին և սովորական ձայնով.
 +
 +
― Եվ ամոթ չէ՞, ամոթ չէ՞ քեզ, իմ ընտանիքի բարբարոս ու տիրան, բարբարոս ու վայրա՛գ մարդ։ Ամբողջովին կողոպտեցիր ինձ, հյութերս ծծեցիր և այդքանով էլ դեռ գոհ չե՜ս։ Մինչև ե՞րբ պիտի դիմանամ քեզ, դու, անամոթ ու անխի՛ղճ մարդ։
 +
 +
— Մարֆա Բորիսովնա, Մարֆա Բորի՜սովնա․․․ Սա... իշխան Միշկինն է։ Գեներալ Իվոլգինը և իշխան Միշկինը,— մրթմրթում էր սարսռացող ու ինքն իրեն կորցրած գեներալը։
 +
 +
— Կհավատա՞ք արդյոք,— հանկարծ դիմեց կապիտանի այրին իշխանին,— կհավատա՞ք արդյոք, որ այս անամոթ մարդը չխնայեց իմ որբ երեխաներին։ Ամեն ինչ կողոպտեց, ամեն ինչ քաշեց֊տարավ, ամեն ինչ ծախեց ու գրավ դրեց, ոչինչ չթողեց։ Ես ի՞նչ պիտի անեմ քո պարտամուրհակները, դու, խորամանկ ու անխիղճ մարդ։ Պատասխանիր, խորամանկ, պատասխանիր ինձ, անկշտում սիրտ. ինչո՞վ, ինչո՞վ պիտի կերակրեմ իմ որբ երեխաներին... Ահա հայտնվում է հարբած ու ոտքերի վրա կանգնել չի կարող․․․ ինչո՞վ եմ զայրացրել տեր աստծուն, նողկալի ու այլանդակ խորամանկ, պատասխանի՛ր։
 +
 +
Բայց գեներալը դրա հալը չուներ։
 +
 +
— Մարֆա Բորիսովնա, քսանհինգ ռուբլի․․․ այն ամենը, ինչ կարող եմ ազնվագույն բարեկամիս օգնությամբ։ Իշխա՜ն։ Ես չարաչար սխալվել եմ։ Այդպես է... կյանքը... Իսկ հիմա... ներեցեք, ես թույլ եմ,― շարունակում էր գեներալը, սենյակի մեջտեղում կանգնած և չորս կողմը գլուխ տալով,— ես թույլ եմ, ներեցեք։ Լե՜նոչկա, մի բարձ... սիրելի՜u։
 +
 +
Լենոչկան, ութ տարեկան մի աղջիկ, անմիջապես վազեց բարձի հետևից և դրեց մոմլաթածածկ, կոշտ ու գզգզված բազմոցին։ Գեներալը նստեց բազմոցին, դեռևս շատ բան ասելու մտադրությամբ, բայց հենց որ բազմոցին կպավ, անմիջապես թեքվեց մի կողքի, երեսը շրջեց պատի կողմը և քնեց արդարի քնով։ Մարֆա Բորիսովնան նազկրտան ու վշտաբեկ՝ իշխանին աթոռ առաջարկեց թղթախաղի սեղանի մոտ, ինքը նստեց նրա դիմաց, ձեռքը նեցուկ արեց աջ այտին և սկսեց լուռ հառաչել, իշխանին նայելով։ Երեք փոքրիկ երեխա, երկու աղջիկ ու մի տղա, որոնցից Լենոչկան ամենամեծն էր, մոտեցան սեղանին, երեքն էլ ձեռները դրին սեղանին և նույնպես ուշադիր սկսեցին զննել իշխանին։ Մյուս սենյակից հայտնվեց Կոլյան։
 +
 +
— Շատ ուրախ եմ, որ ձեզ այստեղ հանդիպեցի, Կոլյա,— դիմեց նրան իշխանը,— չե՞ք կարող ինձ օգնել։ Ինձ անպայման անհրաժեշտ է Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ լինել։ Ես քիչ առաջ խնդրեցի Արդալիոն Ալեքսանդրովիչին, բայց ահա նա քնեց։ Ուղեկցեցեք ինձ, որովհետև ոչ փողոցները գիտեմ, ոչ ճանապարհները։ Ասենք, հասցեն ունեմ, Մեծ թատրոնի մոտ, Միտովցևայի տանը։
 +
 +
— Նաստասյա Ֆիլիպովնա՞ն։ Նա երբեք էլ չի ապրել Մեծ թատրոնի մոտ, իսկ հայրս երբեք չի եղել Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ, եթե ուզում եք իմանալ, տարօրինակ է, որ նրանից որևէ բան եք սպասում։ Նա ապրում է Վլադիմիրսկայայի մոտերքը Հինգ անկյան մոտ, դա այստեղից շատ ավելի մոտ է։ Դուք հիմա՞ եք ուզում։ Հիմա տասի կեսն է։ Համեցեք, ես ձեզ կհասցնեմ։
 +
 +
Իշխանն ու Կոլյան անմիջապես դուրս եկան։ Ավա՜ղ, իշխանը կառք նստելու փող չուներ, պետք էր ոտքով գնալ։
 +
 +
— Ես ուզում էի ձեզ ծանոթացնել Իպոլիտի հետ,― ասաց Կոլյան,― նա այդ կուցավեյկավոր կապիտանի կնկա ավագ որդին է և մյուս սենյակումն էր. անառողջ է և այսօր ամբողջ օրը պառկած էր։ Բայց այնպես տարօրինակ է, նա սաստիկ վիրավորկան է, և ինձ թվաց, որ ձեզնից անհարմար կզգա, որովհետև դուք այնպիսի ժամանակ եկաք․․․ Ես համենայն դեպս այնքան անհարմար չեմ զգում, ինչքան նա, որովհետև իմ հայրն է, իսկ նրա՝ մայրը. այստեղ, համենայն դեպս, տարբերություն կա, որովհետև այս դեպքում արական սեռին անպատվություն չկա։ Ասենք, գուցե դա նախապաշարմունք է տվյալ դեպքում սեռերի գերազանցության հարցը։ Իպոլիտը հրաշալի տղա է, բայց նա որոշ նախապաշարմունքների գերի է։
 +
 +
— Ասում եք, նա թոքա՞խտ ունի։
 +
 +
— Այո, կարծես, լավ կլիներ, եթե շուտով մեռներ։ Ես նրա տեղը լինեի, անպայման կուզենայի մեռնել։ Նա եղբայրներին ու քուրերին է խղճում, այ այդ փոքրիկներին։ Եթե հնարավոր լիներ, եթե միայն փող լիներ, ես ու նա առանձին բնակարան կվարձեինք և կտեղավախվեինք մեր ընտանիքներից։ Դա մեր երազն է։ Իսկ գիտե՞ք, որ երբ քիչ առաջ նրան պատմեցի ձեր դեպքի մասին, նա նույնիսկ չարացավ, ասում է՝ նա, ով ներում է ապտակը և մենամարտի չի կանչում, սրիկա է։ Ի դեպ, նա շատ գրգռված է, ես նույնիսկ դադարեցի նրա հետ վիճաբանելուց։ Ահա թե ինչ, ուրեմն, Նաստասյա Ֆիլիպովնան ձեզ իսկույն հրավիրե՞ց իր մոտ։
 +
 +
— Հենց այդ է, որ ոչ։
 +
 +
— Հապա ինչպե՞ս եք գնում,― բացականչեց Կոլյան և նույնիսկ կանգ առավ մայթի մեջտեղը,— և... և այսպիսի հագուստով, իսկ այնտեղ հրավերք է։
 +
 +
— Աստված վկա, չգիտեմ, թե ինչպես եմ մտնելու։ Կնդունեն՝ լավ, չէ՝ նշանակում է, գործը ձախողվում է։ Իսկ հագուստի մասին ի՞նչ կարող եմ անել։
 +
 +
— Իսկ դուք գո՞րծ ունեք։ Թե՞ ուղղակի այնպես «ազնվական հասարակության» մեջ pour passer le temps<ref>Ժամանակ անցկացնելու համար (ֆրանս.)։
 +
</ref>։
 +
 +
— Ոչ, ես ճիշտն ասած... այսինքն՝ ես գործ ունեմ... Ես դժվարանում եմ դա արտահայտել, բայց...
 +
 +
— Թե ինչ գործով, այդ ինչպես կամենաք, բայց ինձ համար գլխավորն այն է, որ դուք ուղղակի երեսի զոռով չեք ուզում երեկույթ ընկնել, կամելիաների, գեներալների ու վաշխառուների հմայիչ հասարակությունը։ Եթե այդպես լիներ, ներեցեք, իշխան, ես ձեղ վրա կծիծաղեի և կսկսեի ձեզ արհամարհել։ Այստեղ խիստ քիչ են ազնիվ մարդիկ, այնպես որ նույնիսկ մեկը չկա, որին հարգես։ Ակամայից վերևից ես նայում, իսկ նրանք բոլորը հարգանք են պահանջում․ առաջինը Վարյան։ Եվ նկատե՞լ եք, իշխան, մեր դարում բոլորը ավանտյուրիստներ են։ Եվ հենց մեզ մոտ, Ռուսաստանում, մեր սիրելի հայրենիքում։ Եվ ինչպե՞ս է սարքվել այս ամենը, չեմ հասկանում։ Թվում է, այնպես հաստատուն էր կանգնած, իսկ ի՞նչ է հիմա։ Այդ բոլորն են ասում և ամենուրեք գրում։ Մերկացնում են։ Մեզանում բոլորը մերկացնում են։ Առաջինը ծնողներն են ետ֊ետ քաշվում և ամաչում իրենց առաջվա բարոյախոսությունից։ Տեսեք, Մոսկվայում, ծնողն ինքն էր համոզում որդուն ոչ մի բանի առաջ կանգ չառնել փող ձեռք բերելու համար. լրագրերից գիտենք։ Նայեցեք իմ գեներալին։ Ի՞նչ ստացվեց նրանից։ Իսկ, ի դեպ, գիտե՞ք, որ ես կարծում եմ իմ գեներալն ազնիվ մարդ է, աստված վկա, այդպես է։ Այդ ամենը անկարգությունից ու գինուց է։ Աստված վկա, այդպես է։ Նույնիսկ խղճալի է. ես միայն վախենում եմ ասել, որովհետև բոլորը ծիծաղում են, բայց աստված վկա, մեղք է։ Իսկ ի՞նչ կա նրանց՝ խելոքների մեջ։ Բոլորը վաշխառուներ են, բոլորը, մինչև վերջինը։ Իպոլիտը վաշխառությունն արդարացնում է, ասում է, որ այդպես էլ պետք է, տնտեսական ցնցում, ինչ֊որ մակընթացություններ ու տեղատվություններ, գրողը տանի դրանք։ Ես դրա համար շատ բարկանում եմ նրա վրա, բայց նա գազազած է։ Պատկերացրեք, նրա մայրը՝ կապիտանի կնիկը, փողը գեներալից է ստանում և հենց նրան էլ տալիս է տոկոսներով․ սոսկալի ամոթ է։ Իսկ գիտե՞ք, մայրիկը, այսինքն՝ իմ մայրիկը, Նինա Ալեքսանդրովնան, գեներալի կինը, Իպոլիտին փողով, հագուստով, սպիտակեղենով և ամեն ինչով օգնում է, և նույնիսկ մասամբ երեխաներին, Իպոլիտի միջոցով, որովհետև կապիտանի կինը նրանց աչքաթող է արել։ Վարյան էլ է օգնում։
 +
 +
— Ահա տեսնո՞ւմ եք, դուք ասում եք, որ ազնիվ և ուժեղ մարդիկ չկան, և որ բոլորը վաշխառուներ են․ ահա և հայտնվեցին ուժեղ մարդիկ. ձեր մայրը և Վարյան։ Մի՞թե այստեղ և այս հանգամանքներում օգնելը բարոյական ուժի նշան չի։
 +
 +
— Վարկան ինքնասիրությունից դրդված է անում, պարծենկոտությունից, որպեսզի մորից ետ չմնա․ իսկ մայրիկս իսկապես... ես հարգում եմ։ Այո, ես դա հարգում և արդարացնում եմ։ Նույնիսկ Իպոլիտն զգում է, իսկ նա գրեթե բոլորովին գաժանացած է։ Սկզբում պատահում էր, որ ծիծաղում էր և համարում, որ դա ստորություն է մայրիկիս կողմից, բայց հիմա սկսում է երբեմն հասկանալ։ Հըմ։ Ուրեմն դուք դա ո՞ւժ եք անվանում։ Ես դա նկատի կունենամ։ Գանյան չգիտի, թե չէ խրախուսում կանվաներ։
 +
 +
— Իսկ Գանյան չգիտի՞։ Կարծես Գանյան դեռևս շատ բան չգիտի,— դուրս թռավ մտքերի մեջ ընկած իշխանի բերանից։
 +
 +
— Գիտե՞ք, իշխան, դուք ինձ շատ եք դուր գալիս։ Քիչ առաջվա ձեր դեպքը մտքիցս դուրս չի գալիս։
 +
 +
— Դուք էլ ինձ շատ եք դուր գալիս, Կոլյա։
 +
 +
— Լսեցեք, դուք ինչպե՞ս եք մտադիր ապրել այստեղ։ Ես շուտով զբաղմունք կգտնեմ ինձ համար և քիչ ու միչ կվաստակեմ, եկեք ապրենք ես, դուք և Իպոլիտը, բոլոր երեքս միասին, բնակարան վարձենք. իսկ գեներալին կընդունենք մեզ մոտ։
 +
 +
— Ես՝ մեծագույն բավականությամբ։ Բայց մենք, ասենք, կտեսնենք։ Հիմա իմ տրամադրությունը շատ... շատ ընկած է։ Ի՞նչ։ Արդեն հասա՞նք։ Այս տանը... ի՜նչ հոյակապ մուտք է։ Եվ բարապան կա։ Դե, Կոլյա, չգիտեմ սրանից ինչ դուրս կգա։
 +
 +
Իշխանը կանգնել էր գլուխը կորցրած։
 +
 +
— Վաղը կպատմեք։ Շատ էլ մի վախեք։ Աստված ձեզ հաջողություն տա, որովհետև ամեն ինչում ձեր համոզմունքին եմ։ Մնաք բարով։ Ես վերադառնում եմ այնտեղ և կպատմեմ Իպոլիտին։ Իսկ որ ձեզ կընդունեն, դրանում կասկած չկա, մի վախեցեք։ Նա սաստիկ յուրօրինակ է։ Այս սանդուղքով՝ առաջին հարկում, բարապանը ցույց կտա։
 +
 +
=== XIII ===
 +
 +
Սանդուղքով բարձրանալիս իշխանը շատ էր անհանգըստանում և ամբողջ ուժով աշխատում էր քաջալերել իրեն։ «Ամենաշատը,— մտածում էր նա,— այն կլինի, որ ինձ չեն ընդունի և որևէ վատ բան կմտածեն իմ մասին կամ, գուցե և ընդունեն, բայց երեսիս ծիծաղեն... է, ոչինչ»։ Եվ իրոք, դա դեռ այնքան էլ չէր վախեցնում նրան, բայց այն հարցը, թե «ինքը ի՞նչ է անելու այնտեղ և ինչո՞ւ է գնում» — այդ հարցին ուղղակի չէր գտնում հանգստացուցիչ պատասխան։ Եթե նույնիսկ որևէ կերպ կարելի լիներ, առիթը որսալով, Նաստասյա Ֆիլիպովնային ասել․ «Մի ամուսնացեք այդ մարդու հետ և ձեզ մի կործանեք, նա ձեզ չի սիրում, այլ սիրում է ձեր փողերը, այդ նա ինքն է ինձ ասել, և ինձ ասել է Ագլայա Եպանչինան, իսկ ես եկել եմ ձեզ հաղորդելու», ապա հազիվ թե դա ճիշտ ստացվեր բոլոր տեսակետներից։
 +
 +
Կար ևս մի չլուծված հարց, և այն աստիճան հիմնական, որ իշխանը վախենում էր նույնիսկ մտածել այդ մասին, նույնիսկ չէր կարող և չէր համարձակվում մտքովն անցկացնել, չգիտեր, թե ինչպես ձևակերպեր, լոկ այդ մտքից կարմրում և սարսռում էր։ Բայց վերջացավ նրանով, որ չնայած այդ բոլոր տագնապներին ու երկմտանքին, նա, համենայն դեպս, ներս մտավ և հարցրեց Նաստասյա Ֆիլիպովնային։
 +
 +
Նաստասյա Ֆիլիպովնան զբաղեցնում էր ոչ այնքան մեծ, բայց իրոք հոյակապ զարդարված մի բնակարան։ Նրա պետերբուրգյան կյանքի այդ հինգ տարում եղավ մի ժամանակ, սկզբում, երբ Աֆանասի Իվանովիչը հատկապես փող չէր խնայում նրա համար, նա այն ժամանակ դեռևս հույս ուներ Նաստասյա Ֆիլիպովնայի սիրուն և մտածում էր գայթակղել նրան, գլխավորապես բարեհարմարությամբ ու ճոխությամբ, գիտենալով, թե որքան հեշտ են պատվաստվում ճոխության սովորությունները և հետո որքան դժվար է դրանցից ետ կանգնելը, երբ ճոխությունը կամաց-կամաց դառնում է անհրաժեշտություն։ Տվյալ դեպքում Տոցկին հավատարիմ էր մնում հին, բարի ավանդություններին, դրանցում չփոխելով ոչինչ, անսահմանորեն հարգելով զգայական ազդեցությունների ողջ անպարտելի ուժը։ Նաստասյա Ֆիլիպովնան ճոխությունից չէր հրաժարվում, նույնիսկ սիրում էր այն, բայց,— և դա չափազանց տարօրինակ էր թվում,— բոլորովին չէր ենթարկվում դրան, կարծես միշտ կարող էր առանց ղրա էլ յոլա գնալ. նույնիսկ աշխատել էր մի քանի անգամ հայտնել այդ մասին, որը տհաճորեն զարմացրել էր Տոցկուն։ Ի դեպ, Նաստասյա Ֆիլիպովնայի մեջ շատ բան կար, որը տհաճորեն, (իսկ հետագայում նույնիսկ արհամարհանքի աստիճան) զարմացնում էր Աֆանասի Իվանովիչին։ Չխոսելով արդեն այն տեսակի մարդկանց աննրբագեղության մասին, որոնց նա երբեմն մերձեցնում էր իրեն, կնշանակի, ուրեմն, որ հակված էր մերձեցնելու, նրա մեջ նկատվում էին նաև մի քանի բոլորովին տարօրինակ հակումներ. դրսևորվում էր երկու ճաշակների ինչ֊որ բարբարոսական խառնուրդ, այնպիսի իրերով ու միջոցներով յոլա գնալու և բավարարվելու ընդունակություն, որոնց գոյությունն իսկ ընդունելը, թվում է, անկարելի էր օրինավոր ու նրբորեն զարգացած մարդու համար։ Իրոք, եթե, օրինակի համար, Նաստասյա Ֆիլիպովնան հանկարծ դրսևորեր որևէ սիրունիկ ու նրբագեղ անգիտություն, ինչպես, ասենք, այն, որ գեղջկուհիները չեն կարող բատիստե սպիտակեղեն հագնել, ինչպիսին հագնում է ինքը, թվում է, Աֆանասի Իվանովիչը դրանից չափազանց գոհ կլիներ։ Սկզբնապես այդ արդյունքներին էր հակված Նաստասյա Ֆիլիպովնայի ողջ դաստիարակությունը ըստ Տոցկու ծրագրի, որն այդ տեսակետից շատ հասկացող մարդ էր. բայց ավա՜ղ, արդյունքները տարօրինակ ստացվեցին։ Սակայն, չնայած դրան, այնուամենայնիվ Նաստասյա Ֆիլիպովնայի մեջ կար և մնում էր մի բան, որը երբեմն նույնիսկ Աֆանասի Իվանովիչին զարմացնում էր իր արտոսովոր ու գրավիչ յուրօրինակությամբ, ինչ֊որ ուժով և երբեմն նրան հրապուրում էր նույնիսկ հիմա, երբ արդեն տապալվել էին Նաստասյա Ֆիլիպովնայի նկատմամբ ունեցած նրա առաջվա բոլոր հաշիվները։
 +
 +
Իշխանին դիմավորեց մի ջահել աղջիկ (Նաստասյա Ֆիլիպովնայի սպասավորները միշտ կանացի սեռի էին լինում) և, ի զարմանս նրա, առանց որևէ տարակուսանքի լսեց նրա խնդիրքը, որ իր մասին զեկուցի։ Ոչ նրա կեղտոտ կոշիկները, ոչ լայնեզր գլխարկը, ոչ անթև թիկնոցը, ոչ շփոթված տեսքը աղջկա մեջ ամենափոքր տատանում չառաջացրին։ Նա հանեց իշխանի թիկնոցը, հրավիրեց ընդունարան սպասելու և անմիջապես զնաց նրա մասին զեկուցելու։
 +
 +
Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ հավաքված հասարակությունը բաղկացած էր նրա ամենասովորական և մշտական ծանոթներից։ Նույնիսկ նախորդ տարեկան հավաքույթների նույնպիսի օրերի համեմատությամբ բավական սակավամարդ էր։ Ներկա էին նախ և առաջ և գլխավորը՝ Աֆանասի Իվանովիչ Տոցկին և Իվան Ֆյոդորովիչ Եպանչինը. երկուսն էլ սիրալիր էին, բայց երկուսն էլ որոշ չափով թաքուն անհանգստության մեջ էին Գանյայի վերաբերյալ արվելիք հայտարարության առթիվ վատ թաքցրած սպասումից։ Բացի նրանցից, հասկանալի է, ներկա էր և Գանյան, նույնպես շատ մռայլ, շատ մտախոհ և նույնիսկ գրեթե բոլորովին «ոչ սիրալիր», որը մեծ մասամբ կանգնում էր մեկուսի, հեռու քաշված և լուռ։ Վարյային բերել նա չվստահեց, բայց Նաստասյա Ֆիլիպովնան նույնիսկ խոսք չէր անում նրա մասին. դրա փոխարեն, հենց որ բարևեց Գանյային, անմիջապես հիշեցրեց նրա և իշխանի միջև տեղի ունեցած տեսարանը։ Գեներալը, որ դեռ տեղյակ չէր դրան, սկսեց հետաքրքրվել։ Այն ժամանակ Գանյան չոր, զուսպ, բայց միանգամայն անկեղծորեն պատմեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել այն ժամանակ և ինչպես ինքը արդեն գնացել էր իշխանի մոտ ներողություն խնդրելու։ Ընդսմին նա տաք֊տաք հայտնեց իր կարծիքը, որ իշխանին շատ տարօրինակ ձևով և աստված գիտի, թե ինչից ելնելով՝ անվանել են «ապուշ, որ ինքը նրա մասին բոլորովին հակառակն է կարծում և որ, ինչ խոսք, նա իր բանը լավ գիտե»։ Նաստասյա Ֆիլիպովնան այդ կարծիքը լսեց մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ հետևում էր Գանյային, բայց խոսակցությունն անմիջապես փոխվեց Ռոգոժինի վրա, որն՝ այնպես հիմնավոր մասնակցել էր առավոտվա պատմությանը և որով նույնպես արտակարգ կերպով հետաքրքրվեցին Աֆանասի Իվանովիչը և Իվան Ֆյոդորովիչը։ Պարզվեց, որ Ռոգոժինի մասին հատուկ տեղեկություններ կարող էր հայտնել Պտիցինը, որը նրա հետ համարյա մինչև երեկոյան ժամը ինը չարչարվում էր նրա գործերը գլուխ բերելու համար։ Ռոգոժինը գործադրում էր բոլոր ուժերը, որպեսզի հենց այսօր ձեռք բերի հարյուր հազար ռուբլի։ «Նա, ճիշտ է, հարբած էր,— նկատեց Պտիցինը,— բայց հարյուր հազարը, ինչքան էլ որ դժվար լինի, կարծես կճարեն նրա համար, միայն չգիտեմ, արդյոք հենց այսօ՞ր և արդյո՞ք ամբողջ գումարը. իսկ աշխատում են ճարել շատերը, Կինդերը, Տրիպալովը, Բիսկուպը, ինչ տոկոս ուզեն՝ տալիս է, իհարկե, ամբողջը հարբած լինելուց և առաջին ուրախությունից․․․»,— եզրափակեց Պտիցինը։ Այդ բոլոր տեղեկություններն ընդունվեցին մասամբ մռայլ հետաքրքրությամբ, Նաստասյա Ֆիլիպովնան լռում էր, ըստ երևույթին, չուզենալով արտահայտվել։ Գանյան նույնպես։ Գեներալ Եպանչինն իր մեջ անհանգստանում էր, համարյա բոլորից ավելի. մարգարիտը, որ ներկայացրել էր դեռևս առավոտյան, ընդունվել էր չափազանց սառն սիրալիրությամբ, և նույնիսկ ինչ֊որ առանձնահատուկ քմծիծաղով։ Բոլոր հյուրերից միայն Ֆերդիշչենկոն էր ամենաուրախ ու տոնական տրամադրության մեջ և երբեմն բարձրաձայն հռհռում էր՝ հայտնի չէ, թե ինչի վրա և այդ էլ լոկ այն պատճառով, որ ինքն էր իր վզին փաթաթել ծաղրածուի դերը։ Ինքը Աֆանասի Իվանովիչը, որ սրամիտ ու նրբաճաշակ պատմողի համբավ ուներ, իսկ անցած ժամանակները այդ երեկույթներին սովորաբար ղեկավարում էր խոսակցությունը, ըստ երևույթին վատ տրամադրության և նույնիսկ մի տեսակ իրեն ոչ հատուկ շփոթմունքի մեջ էր։ Մնացած հյուրերը, որոնք, ի դեպ, շատ չէին (աստված գիտի, թե ինչու հրավիրված մի խղճուկ ծեր ուսուցիչ, չափազանց վեհերոտ և շարունակ լուռ, ինչ֊որ անհայտ և շատ ջահել մարդ, մի քառասնամյա ժիր տիկին՝ դերասանուհիներից, և մի արտակարգ գեղեցիկ, արտակարգ լավ ու հարուստ հագնված և արտասովոր քչախոս երիտասարդ տիկին), ոչ միայն չէին կարող առանձնապես աշխուժացնել խոսակցությունը, այլև երբեմն ուղղակի չգիտեին, թե ինչի մասին խոսեն։
 +
 +
Այսպիսով, իշխանի հայտնվելը նույնիսկ տեղին ստացվեց։ Նրա մասին ազդարարելը տարակուսանք և մի քանի աարօրինակ ժպիտ առաջացրեց, մանավանդ, երբ Նաստասյա Ֆիլիպովնայի զարմացած տեսքից իմացան, որ նա ամենևին էլ չէր մտածել նրան հրավիրել։ Բայց զարմանքից հետո Նաստասյա Ֆիլիպովնան հանկարծ այնքան գոհունակություն ցուցաբերեց, որ մեծամասնությունը իսկույն ևեթ պատրաստվեց անսպասելի հյուրին դիմավորել և ծիծաղելով, և ուրախությամբ։
 +
 +
— Ասենք, սա տեղի ունեցավ նրա անմեղությունից,— եզրակացրեց Իվան Ֆյոդորովիչ Եպանչինը,― և բոլոր դեպքերում այդպիսի հակումները խրախուսելը բավական վտանգավոր է, բայց այս րոպեիս, իրավ, վատ չի, որ նա մտածել է շնորհ բերել, թեկուզև այդպիսի յուրօրինակ ձևով, նա, գուցե և, կզվարճացնի մեզ, գոնե որքան որ կարող եմ դատել նրա մասին։
 +
 +
— Մանավանդ որ իր երեսի զոռով է եկել,― անմիջապես հարեց Ֆերդիշչենկոն։
 +
 +
— Հետո՞ ինչ,— չոր-չոր հարցրեց գեներալը, որն ատում էր Ֆերդիշչենկոյին։
 +
 +
— Այն, որ մուտքի համար կվճարի,— պարզաբանեց վերջինս։
 +
 +
— Դե, իշխան Միշկինը, համենայն դեպս, Ֆերդիշչենկո չի,― չհամբերեց գեներալը, որը մինչև հիմա չէր կարողանում հաշտվել Ֆերդիշչենկոյի հետ նույն հասարակության մեջ և հավասար իրավունքներով գտնվելու մտքի հետ։
 +
 +
— Էյ, գեներալ, խնայեցեք Ֆերդիշչենկոյին,— պատասխանեց սա քմծիծաղ տալով։— Չէ՞ որ ես հատուկ իրավունքներ ունեմ։
 +
 +
― Այդ ի՞նչ հատուկ իրավունքներ ունեք դուք։
 +
 +
— Անցյալ անգամ ես պատիվ ունեցա մանրամասնորեն դա պարզաբանել հասարակությանը, ձերդ գերազանցության համար կկրկնեմ մի անգամ ևս։ Բարեհաճեցեք տեսնել, ձերդ գերազանցություն․ բոլորը սրամտություն ունենք իսկ ես չունեմ սրամտություն։ Ես էլ, ի հատուցումն դրա՝ խնդրելով ձեռք եմ բերել ճշմարտությունն ասելու թույլտվություն, քանի որ բոլորին հայտնի է, որ ճշմարտությունն ասում են միայն նրանք, ովքեր սրամտություն չունեն։ Ըստ որում ես շատ քինախնդիր մարդ եմ, և նույնպես նրա համար, որ սրամտություն չունեմ։ Ես ամեն տեսակ վիրավորանք կկրեմ, բայց մինչև վիրավորողի առաշին անհաջողությունը. հենց առաջին անհաջողության դեպքում անմիջապես հիշեցնում եմ և անմիջապես որևէ բանով վրեժխնդիր լինում, քացի եմ տալիս, ինչպես իմ մասին արտահայտվել է Իվան Պետրովիչ Պտիցինը, որն ինքը, իհարկե, երբեք քացի չի տալիս։ Կռիլովի առածը գիտե՞ք, ձերդ գերազանցություն. «Առյուծն ու Էշը»։ Դե ահա, դա ես և դուք ենք որ կանք, հենց մեր մասին է գրված։
 +
 +
— Դուք, կարծեմ, նորից չափն անցկացրիք, Ֆերդիշչենկո,— բորբոքվեց գեներալը։
 +
 +
— Ի՜նչ եք ասում, ձերգ գերազանցություն,— վրա բերեց Ֆերդիշչենկոն, որն այդպես էլ հաշիվ էր անում, որ կարելի կլինի վրա բերել և ավելի շատ լղոզել,— մի անհանգստացեք, ձերդ գերզանցություն, ես իմ տեղը գիտեմ. եթե ես ասացի, որ ես և դուք Կռիլովի առակի Առյուծն ու Էշն ենք, ապա, իհարկե, Իշու դերը ես վերցնում եմ ինձ վրա, իսկ ձերդ գերազանցությունը Առյուծն է, ինչպես և Կռիլովի առակում ասված է.
 +
 +
Հզոր առյուծը՝ սարսափն անտառի,<br />Ծերությունից ուժասպառվել էր։
 +
 +
Իսկ ես, ձերդ գերազանցություն, Էշն եմ։
 +
 +
— Վերջինի հետ ես համաձայն եմ,― անզգուշորեն բերանից թռցրեց գեներալը։
 +
 +
Այդ բոլորն արված էր, իհարկե, կոպիտ և կանխամտածված, բայց արդեն այնպես էր ընդունված, որ Ֆերդիշչենկոյին թույլատրվում էր ծաղրածուի դեր խաղալ։
 +
 +
— Ինձ հենց միայն նրա համար են պահում և այստեղ թողնում,— բացականչել էր մի անգամ Ֆերդիշչենկոն,― որ ես հենց այս ոգով խոսեմ։ Դե, մի՞թե իսկապես հնարավոր է ինձ նման մարդուն ընդունել։ Չէ՞ որ ես դա հասկանում եմ։ Դե, մի՞թե կարելի է ինձ, այսպիսի Ֆերդիշչենկոյիս, նստեցնել այնպիսի նրբաճաշակ ջենտլմենի կողքին, ինչպիսին Աֆանասի Իվանովիչն է։ Ակամա մնում է մի բացատրություն. հենց դրա համար էլ նստեցնում են, որ դա երևակայելն իսկ անկարելի է։
 +
 +
Բայց թեպետև կոպիտ, այնուամենայնիվ լինում էր և կծու, իսկ երբեմն նույնիսկ չափազանց և, թվում է, հենց այդ էր, որ դուր էր գալիս Նաստասյա Ֆիլիպովնային։ Անպայման Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ լինել ցանկացողներին մնում էր հանդուրժել Ֆերդիշչենկոյին։ Սա, գուցե և, կռահել էր ամբողջ ճշմարտությունը, ենթադրելով, որ իրեն սկսել են ընդունել հենց այն պատճառով, որ ինքը առաջին իսկ անգամից իր ներկայությամբ անտանելի դարձավ Տոցկու համար։ Գանյան, իր կողմից, անսահման տանջանքներ էր կրել նրանից, և այդ տեսակետից Ֆերդիշչենկոն կարողացել էր շատ պիտանի լինել Նաստասյա Ֆիլիպովնային։
 +
 +
— Իսկ իշխանը նրանից կսկսի, որ մոդայիկ ռոմանս կերգի,— եզրափակեց Ֆերդիշչենկոն, աչք ածելով, թե ինչ կասի Նաստասյա Ֆիլիպովնան։
 +
 +
— Չեմ կարծում։ Ֆերդիշչենկո, և, խնդրեմ, չտաքանաք,― չոր֊չոր նկատեց նա։
 +
 +
— Ա-ա՜։ Եթե նա հատուկ հովանավորության տակ է, ապա ես էլ եմ մեղմանում...
 +
 +
Բայց Նաստասյա Ֆիլիպովնան, առանց լսելու, վեր կացավ և ինքը գնաց դիմավորելու իշխանին։
 +
 +
— Ես ափսոսում էի,— ասաց նա հանկարծ հայտնվելով իշխանի առաջ,— որ այն ժամանակ շտապելուց մոռացա ձեզ հրավիրել ինձ մոտ, և շատ ուրախ եմ, որ հիմա ինքներդ եք ինձ առիթ ընձեռում շնորհակալություն հայտնելու և ձեր վճռականության համար ձեզ գովելու։
 +
 +
Այդ ասելով, նա ուշադրությամբ զննում էր իշխանին, ճգնելով գեթ ինչ-որ չափով իրեն բացատրել նրա արարքը։
 +
 +
Իշխանը, գուցե և որևէ բան պատասխաներ նրա սիրալիր խոսքերին, բայց այն աստիճան շլացած ու զարմացած էր, որ չէր կարող նույնիսկ մի բառ արտասանել։ Նաստասյա Ֆիլիպովնան այդ նկատեց գոհունակությամբ։ Այդ երեկո նա լիակատար տուալետով էր և արտասովոր տպավորություն էր գործում։ Նա բռնեց իշխանի ձեռքից և տարավ հյուրերի մոտ։ հյուրասենյակ մտնելու բուն պահին իշխանը հանկարծ կանգ առավ և անսովոր հուզմունքով, շտապելով, շշնջաց նրան.
 +
 +
— Ձեր մեջ ամեն ինչ կատարելություն է... նույնիսկ այն, որ դուք նիհար ու գունատ եք... ձեզ մարգ այլ կերպ չի էլ ուղում պատկերացնել... Ես այնպես ուզեցա ձեզ մոտ գալ․․․ ես․․․ ներեցեք...
 +
 +
— Ներողություն մի խնդրեք,— ծիծաղեց Նաստասյա Ֆիլիպովնան,— դրանից կխաթարվի ամբողջ տարօրինակությունն ու օրիգինալությունը, նշանակում է ձեր մասին ճիշտ են ասում, որ դուք տարօրինակ մարդ եք։ Ուրեմն դուք ինձ կատարելությո՞ւն եք համարում, այո՞։
 +
 +
― Այո։
 +
 +
— Թեև դուք կռահելու վարպետ եք, բայց սխալվեցիք։ Ես հենց այսօր ձեզ կհիշեցնեմ այդ մասին...
 +
 +
Նա իշխանին ներկայացրեց հյուրերին, որոնց կեսից ավելին արդեն ճանաչում էր նրան։ Տոցկին անմիջապես ինչ֊որ սիրալիր բան ասաց։ Կարծես բոլորը մի քիչ աշխուժացան, բոլորը միաժամանակ սկսեցին խոսել և ծիծաղել։ Նաստասյա Ֆիլիպովնան իշխանին նստեցրեց իր կողքին։
 +
 +
— Եվ սակայն ի՞նչ զարմանալի բան կա իշխանի հայտնվելու մեջ,— ամենքից բարձր բղավեց Ֆերդիշչենկոն,— բանը պարզ է, բանը խոսուն է ինքնին։
 +
 +
— Բանը չափազանց պարզ է և չափազանց խոսուն ինքնին,— հանկարծ վրա բերեց Գանյան, որ մինչ այդ լուռ էր։— Ես այսօր գրեթե անընդհատ հետևել եմ իշխանին այն իսկ ակնթարթից, երբ նա առավոտյան առաջին անգամ նայեց Նաստասյա Ֆիլիպովնայի նկարին, որ Իվան Ֆյոդորովիչի սեղանին էր դրած։ Ես շատ լավ եմ հիշում, թե դեռ այն ժամանակ ինչ մտածեցի այդ մասին, որում այժմ միանգամայն համոզված եմ, և, որում, հարևանցի ասեմ, իշխանն ինքը ինձ խոստովանեց։
 +
 +
Այդ ամբողջ ֆրազը Գանյան ասաց չափազանց, լուրջ, առանց նվազագույն կատակի, նույնիսկ մռայլ, որը մի քիչ տարօրինակ թվաց։
 +
 +
— ես ձեզ խոստովանություն չեմ արել,― պատասխանեց իշխանը շիկնելով,— ես միայն պատասխանել եմ ձեր հարցին։
 +
 +
— Բրա՛վո, բրա՛վո,— բղավեց Ֆերդիշչենկոն,— համենայն դեպս անկեղծ է, և խորամանկ է, և անկեղծ։
 +
 +
Բոլորը բարձրաձայն ծիծաղում էին։
 +
 +
— Մի բղավեք, Ֆերդիշչենկո,― խորշանքով նկատեց նրան Պտիցինը կիսաձայն։
 +
 +
— Ես, իշխան, ձեզնից այդպիսի պրուեսներ<ref>Պրուես (ֆրանս. prouesse) — քաջագորձություն։
 +
</ref> չէի սպասում,— ասաց Իվան Ֆյոդորովիչը,— գիտե՞ք արդյոք, դա ում ձեռնտու կլինի։ Իսկ ես ձեզ փիլիսոփա էի համարում։ Այ քեզ սուսի՜կ։
 +
 +
— Եվ դատելով այն բանից, որ իշխանը շիկնում է անմեղ կատակից, ինչպես անմեղ ջահել աղջիկ, ես եզրակացնում եմ, որ նա, որպես ազնիվ պատանի, իր սրտում սնուցում է ամենագովելի նպատակներ,— հանկարծ և բոլորովին անսպասելի ասաց, կամ, ավելի լավ է ասել սվսվացրեց անատամ և մինչև, հիմա բոլորովին լուռ նստած յոթանասունամյա ծերուկ ուսուցիչը, որից ոչ ոք չէր կարող սպասել, որ գոնե ձայն կհանի այդ երեկո։ Բոլորն ավելի սաստիկ ծիծաղեցին։ Ծերուկը, հավանաբար կարծելով, որ իր սրամտության վրա են ծիծաղում, բոլորին նայելով, սկսեց ավելի ուժգին ծիծաղել, ըստ որում սկսեց չարաչար հազալ, այնպես որ Նաստասյա Ֆիլիպովնան, որը չգիտես ինչու շատ էր սիրում բոլոր նման յուրօրինակ ծերուկներին, պառավներին և նույնիսկ կրոնախևերին, անմիջապես սկսեց փաղաքշել նրան, համբուրել և հրամայեց նրան էլի թեյ տալ։ Ներս մտած սպասուհուց նա խնդրեց, որ իրեն տա թիկնոցը, որի մեջ փաթաթվեց և հրամայեց էլի փայտ ավելացնել բուխարիկում։ Այն հարցին, թե ժամը քանիսն է, սպասուհին պատասխանեց, որ արդեն տասնմեկի կեսն է։
 +
 +
— Պարոնայք, չէի՞ք կամենա շամպայն խմել,— հանկարծ հրավիրեց Նաստասյա Ֆիլիպովնան։— Ես պատրաստել եմ։ Գուցե տրամադրություններդ կբացվի։ Խնդրեմ, առանց ձևականության։
 +
 +
Խմելու առաջարկը, և առանձնապես այդպիսի միամիտ դարձվածքներով, շատ տարօրինակ թվաց Նաստասյա Ֆիլիպովնայի բերանում։ Բոլորին հայտնի էր արտասովոր պատշաճությունը նրա առաջվա երեկույթներում։ Առհասարակ երեկույթն ավելի ուրախ էր դառնում, բայց ոչ ըստ սովորականի։ Սակայն գինուց չհրաժարվեցին, նախ և առաջ՝ գեներալն ինքը, ապա՝ ժիր տիկինը, ծերուկը, Ֆերդիշչենկոն, նրանց հետևից նաև բոլորը։ Տոցկին նույնպես վերցրեց իր բաժակը, հուսալով ներդաշնակ դարձնել վերահաս նոր մթնոլորտը, ըստ հնարավորին դրան տալով անուշիկ կատակի բնույթ։ Միայն Գանյան ոչինչ չէր խմում։ Իսկ Նաստասյա Ֆիլիպովնայի տարօրինակ, երբեմն շատ կտրուկ ու արագ արարքներից, որը նույնպես գինի վերցրեց և հայտարարեց, որ այսօր երեկոյան երեք բաժակ կխմի, նրա հիստերիկ և աննպատակ ծիծաղից, որին հանկարծ հաջորդում էր լուռ և նույնիսկ մռայլ մտախոհությունը, դժվար էր որևէ բան հասկանալ։ Ոմանք կասկածում էին, թե նա տենդում է. վերջապես, սկսեցին նկատել, որ նա ինքն էլ կարծես ինչ-որ բանի սպասում է, հաճախակի նայում է ժամացույցին, դառնում է անհամբեր, մտացրիվ։
 +
 +
— Դուք կարծես մի փոքրիկ տե՞նդ ունեք,— հարցրեց ժիր տիկինը։
 +
 +
— Նույնիսկ մեծ և ոչ թե փոքրիկ, դրա համար էլ մանտիլով փաթաթվեցի,— պատասխանեց Նաստասյա Ֆիլիպովնան, որն իրոք ավելի էր դժգունել և կարծես ժամանակ առ ժամանակ իր մեջ զսպում էր ուժեղ դողը։
 +
 +
Բոլորն անհանգստացան ու տեղներից շարժվեցին։
 +
 +
— Արդյոք հանգիստ չտա՞ք տանտիրուհուն,― միտք հայտնեց Տոցկին, նայելով Իվան Ֆյոդորովիչին։
 +
 +
— Բոլորովին էլ ոչ, պարոնայք։ Ընդհակառակը, խնդրում եմ նստեք։ Ձեր ներկայությունը հատկապես այսօր ինձ համար անհրաժեշտ է,— համառորեն ու նշանակալից հանկարծ հայտարարեց Նաստասյա Ֆիլիպովնան։ Եվ քանի որ գրեթե արդեն բոլոր հյուրերը իմացել էին, որ այդ երեկո կայանալու էր մի շատ կարևոր վճիռ, ապա այդ բառերը չափազանց ծանրակշիռ թվացին։ Գեներալն ու Տոցկին մի անգամ ես հայացքներ փոխանակեցին, Գանյան ցնցվելով շարժվեց։
 +
 +
— Լավ կլիներ որևէ պտի֊ժյո<ref>Պտի-ժյո (ֆրանս․ petit jeu) — սալոնային խաղ։
 +
</ref> խաղայինք,— ասաց ժիր տիկինը։
 +
 +
— Ես գիտեմ մի ամենասքանչելի և նոր պտի֊ժյո,— վրա բերեց Ֆերդիշչենկոն,— համենայն դեպս այնպիսի, որ աշխարհում միայն մի անգամ է տեղի ունեցել, և այն էլ չի հաջողվել։
 +
 +
— Ի՞նչ բան է,— հարցրեց ժիր տիկինը։
 +
 +
— Մի անգամ հավաքվել էինք մի կամպանիայով, դե, խմեցինք, ճիշտ է, և հանկարծ մեկը առաջարկություն արեց, որ մեզանից յուրաքանչյուրը առանց սեղանից վեր կենալու, իր մասին բարձրաձայն որևէ բան պատմի, բայց այնպիսի բան, որ ինքը անկեղծ խղճով համարում է իր ամբողջ կյանքի ընթացքում կատարած վատ արարքներից ամենավատ արարքը, բայց պայմանով, որ անկեղծ լինի, գլխավորը, որ անկեղծ լինի, չխաբի։
 +
 +
— Տարօրինակ միտք է,— ասաց գեներալը։
 +
 +
— Դրանից էլ տարօրինակ ի՞նչ պիտի լիներ, ձերդ գերազանցություն, բայց հենց դրանով է լավ։
 +
 +
— Ծիծաղելի միտք է,― ասաց Տոցկին,— ասենք, հասկանալի է․ հատուկ տեսակի պարծենկոտություն է։
 +
 +
— Գուցե հենց այդ էլ պետք էր, Աֆանասի Իվանովիչ։
 +
 +
— Այդպես մարդ լաց կլինի, ոչ թե կծիծաղի, այդպիսի պտի֊ժյոյից,— նկատեց ժիր տիկինը։
 +
 +
— Միանգամայն անկարելի և անհեթեթ բան է,― արձագանքեց Պտիցինը։
 +
 +
— Իսկ հաջողվե՞ց,— հարցրեց Նաստասյա Ֆիլիպովնան։
 +
 +
— Բանն այն է, որ ոչ, շատ վատ ստացվեց, ամեն մեկը մի բան պատմեց, շատերը ճշմարիտ, և պատկերացրեք, ոմանք ախր նույնիսկ բավականությամբ էին պատմում, իսկ հետո բոլորը ամաչեցին, չդիմացան։ Ասենք, ամբողջությամբ վերցրած, շատ ուրախ անցավ, այսինքն՝ յուրովի ուրախ։
 +
 +
— Բայց իրավ, դա լավ կլիներ,— նկատեց Նաստասյա Ֆիլիպովնան, հանկարծ աշխուժանալով։— Իսկապես որ, փորձեինք, պարոնայք։ Իրոք, կարծես թե ուրախ չենք մի տեսակ։ Եթե մեզնից յուրաքանչյուրը համաձայներ որևէ բան պատմել... այդ կարգի... հասկանալի է, համաձայնությամբ, այստեղ լիակատար ազատություն պետք է լինի, հը՞։ Գուցե մենք դիմանա՞նք։ Համենայն դեպս անասելի օրիգինալ է․․․
 +
 +
— Հանճարե՜ղ միտք է,— վրա բերեց Ֆերդիշչենկոն։— Տիկնայք, ի դեպ, բացառվում են, սկսում են տղամարդիկ, բանը կարգավորվում է վիճակահանությամբ, ինչպես և այն ժամանակ։ Անպայման, անպայման։ Ով որ շատ դեմ է, նա, հասկանալի է, չի պատմում, բայց ո՞վ կուզենա այդքան անսիրալիր լինել։ Տվեք ձեր վիճակները այստեղ, պարոնայք, իմ գլխարկի մեջ, իշխանը կհանի։ Ամենահասարակ խնդիրն է, իր ամբողջ կյանքի ամենավատ արարքը պատմելը զարմանալի հեշտ է, պարոնայք։ Այ կտեսնեք։ Իսկ եթե մեկնումեկը մոռանա, ես հանձն եմ առնում հիշեցնել։
 +
 +
Այդ միտքը ոչ ոքի դուր չեկավ։ Ոմանք խոժոռվում էին, մյուսները՝ խորամանկ ժպտում։ Մի քանիսը առարկում էին, բայց ոչ այնքան, օրինակ՝ Իվան Ֆյոդորովիչը, որը չէր ուզում հակաճառել Նաստասյա Ֆիլիպովնային և նկատել էր, թե նրան ինչպես է գրավում այդ տարօրինակ միտքը։ Իր ցանկությունների մեջ Նաստասյա Ֆիլիպովնան միշտ անզուսպ և անողոք էր, եթե միայն վճռած էր լինում արտահայտել դրանք, թեկուզև լինեին ամենաքմահաճ և նույնիսկ հենց իր համար անօգուտ ցանկություններ։ Հիմա էլ նա կարծես հիստերիկայի մեջ լիներ, ծիծաղում էր ջղաձգորեն, նոպաներով, հատկապես՝ անհանգստացած Տոցկու առարկությունների վրա։ Նրա մուգ աչթերը փայլատակեցին, գունատ այտերին հայտնվեցին երկու կարմիր բիծ։ Հյուրերից մի քանիսի դեմքերի վհատ ու խորշալի արտահայտությունը, գուցե, ավելի ևս բորբոքում էր նրա ծաղրական ցանկությունը․ գուցե նրան հենց դուր էր գալիս այդ մտքի ցինիկությունն ու դաժանությունը։ Ոմանք համոզված էին, որ նա այստեղ ինչ-որ հատուկ հաշիվ ունի։ Ասենք, սկսեցին համաձայնել․ համենայն դեպս, հետաքրքիր էր, իսկ շատերի համար նույնիսկ շատ հրապուրիչ։ Ֆերդիշչենկոն ամենից ավելի էր իրար անցել։
 +
 +
— Իսկ եթե այնպիսի բան է, որ նույնիսկ անկարելի է պատմել... տիկնանց ներկայությա՞մբ,— երկչոտ նկատեց լռակյաց պատանին։
 +
 +
— Դուք էլ դա մի պատմեք. կարծես թե առանց այդ էլ քիչ կան վատ արարքներ,― պատասխանեց Ֆերդիշչենկոն,― էխ դո՜ւք, պատանի։
 +
 +
— Իսկ ես ահա չգիտեմ, թե որը համարեմ իմ ամենավատ արարքը,— հարեց ժիր տիկինը։
 +
 +
— Տիկնայք ազատվում են պատմելու պարտականությունից,— կրկնեց Ֆերդիշչենկոն,— բայց միայն ազատվում են. սեփական ներշնչումը շնորհակալությամբ թույլատրվում է։ Իսկ տղամարդիկ, եթե շատ դեմ են, ազատվում են։
 +
 +
— Բայց այստեղ ինչպե՞ս ապացուցես, որ չես խաբում,— հարցրեց Գանյան,— իսկ եթե խաբես, խաղի ամբողջ իմաստը կորչում է։ Իսկ ո՞վ չի խաբի։ Ամեն մեկն էլ անպայման կխաբի։
 +
 +
— Հենց միայն դա, թե մարդ այստեղ ինչպես կխաբի՝ հրապուրիչ է։ Իսկ դու, Գանեչկա, առանձնապես վախենալու բան չունես, թե կստես, որովհետև քո ամենավատ արարքը առանց այդ էլ բոլորին հայտնի է։ Բայց մտածեցեք միայն, պարոնայք,— ինչ֊որ ոգեշնչման մեջ բացականչեց հանկարծ Ֆերդիշչենկոն,— մտածեցեք միայն, թե հետո ինչ աչքերով պիտի նայենք իրար, վաղը, օրինակ, պատմություններից հետո։
 +
 +
— Մի՞թե դա հնարավոր է։ Մի՞թե իսկապես դա լուրջ է, Նաստասյա Ֆիլիպովնա,― արժանապատվությամբ հարցրեց Տոցկին։
 +
 +
— Գայլից վախենաս, անտառ չես գնա,— քմծիծաղով նկատեց Նաստասյա Ֆիլիպովնան։
 +
 +
— Բայց, ներեցեք, պարոն Ֆերդիշչենկո, մի՞թե հնարավոր է դրանից հետո պտի-ժյո սարքել,― ավելի ու ավելի անհանգստացած շարունակում էր Տոցկին,― հավատացնում եմ ձեզ, որ այդպիսի բաները երբեք չեն հաջողվում, չէ՞ որ ինքներդ եք ասում, որ դա մի անգամ արդեն չի հաջողվել։
 +
 +
— Ինչպես թե չի հաջողվել։ Չէ՞ որ ես անցյալ անգամ պատմեցի, թե ինչպեu եմ երեք ռուբլի գողացել, ուղղակի վերցրի ու պատմեցի։
 +
 +
— Ենթադրենք։ Բայց չէ՞ որ անհնար էր, որ դուք այնպես պատմեիք, որ ճշմարտանման լիներ և ձեզ հավատային։ Իսկ Գավրիլա Արդալիոնովիչը միանգամայն արդարացի նկատեց, որ եթե անգամ աննշան չափով կեղծիքն զգացվի, խաղի ամբողջ իմաստը կկորչի։ Ճշմարտությունն այստեղ հնարավոր է միայն պատահաբար, չափազանց վատ տոնի առանձնահատուկ պարծենկոտ տրամադրության դեպքում, որն այստեղ անհնարին և բոլորովին անվայելուչ է։
 +
 +
― Բայց ինչ աստիճանի նրբակիրթ մարդ եք, Աֆանասի Իվանովիչ, նույնիսկ ինձ զարմացնում եք,— ճչաց Ֆերդիշչենկոն։— Պատկերացրեք, պարոնայք, իր դիտողությամբ, որ իմ գողության մասին չէի կարող այնպես պատմել, որ ճշմարտանման լիներ, Աֆանասի Իվանովիչը ամենանուրբ ձևով ակնարկում է, որ ես իրոք էլ չէի կարող գողանալ (որովհետև դա բարձրաձայն ասելն անվայելուչ է), թեպետ, կարող է պատահել, ինքն իր մեջ միանգամայն համոզված է, որ Ֆերդիշչենկոն շատ լավ էլ կարող է գողանալ։ Բայց գործի անցնենք, պարոնայք, գործի անցնենք, վիճակները հավաքված են, և դուք էլ, Աֆանասի Իվանովիչ, ձեր վիճակը գցել եք, նշանակում է ոչ ոք չի հրաժարվում։ Իշխան, հանեցեք։
 +
 +
Իշխանը լուռ՝ ձեռքը տարավ գլխարկը և հանեց առաջինը Ֆերդիշչենկոյի վիճակը, երկրորդը՝ Պտիցինի, երրորդը՝ գեներալի, չորրորդը՝ Աֆանասի Իվանովիչի, հինգերորդը՝ իր, վեցերորդը՝ Գանյայի վիճակը և այլն։ Տիկինները վիճակ չէին գցել։
 +
 +
— Օ, տեր իմ, ինչպիսի՜ դժբախտություն,— բացականչեց Ֆերդիշչենկոն,— ես էլ կարծում էի, թե առաջին հերթին դուրս կգա իշխանի վիճակը, իսկ երկրորդը՝ գեներալինը։ Բայց փառք աստծու, գոնե Իվան Պետրովիչն ինձնից հետո է, և ես հատուցված կլինեմ։ Դե, պարոնայք, իհարկե, ես պարտավոր եմ ազնիվ օրինակ ցույց տալ, բայց այս րոպեիս ամենից ավելի ափսոսում եմ նրա համար, որ ես այսքան չնչին եմ և ոչնչով աչքի չեմ ընկնում. նույնիսկ աստիճանս ամենափոքրագույնն է, իսկապես, ի՞նչ հետաքրքիր բան կա դրանում, թե Ֆերդիշչենկոն վատ արարք է կատարել։ Եվ այն ո՞րն է իմ ամենավատ արարքը։ Այստեղ կա emberras di richesse<ref>Դժվարություն մեծ ընտրության պատճառով (ֆրանս․)։
 +
</ref>։ Գուցե նորից այն գողության մասին պատմեմ, որպեսզի համոզեմ Աֆանասի Իվանովիչին, որ կարելի է գողանալ, գող չլինելով հանդերձ։
 +
 +
— Դուք ինձ համոզում եք այն բանում, պարոն Ֆերդիշչենկո, որ իրոք կարելի է բավականություն ստանալ արբեցման աստիճան, պատմելով իր անվայել արարքների մասին, թեկուզ դրանց մասին հարցնող էլ չլինի... Ասենք... Ներեցեք, պարոն Ֆերդիշչենկո։
 +
 +
— Սկսեցեք, Ֆերդիշչենկո, դուք սարսափելի շատ ավելորդ բաներ եք դուրս տալիս և երբեք չեք վերջացնի գրգռված ու անհամբեր հրամայեց Նաստասյա Ֆիլիպովնան։
 +
 +
Բոլորը նկատեցին, որ քիչ առաջվա իր ծիծաղի նոպայից հետո Նաստասյա Ֆիլիպովնան հանկարծ դարձավ նույնիսկ մռայլ, փնթփնթան ու ջղագրգիռ. այնուամենայնիվ համառ ու բռնակալորեն պնդում էր իր անհնարին քմահաճույքը։ Աֆանասի Իվանովիչը սաստիկ տառապում էր։ Նրան կատաղեցնում էր նաև Իվան Ֆյոդորովիչը. նա նստել էր՝ շամպայնը առաջին, կարծես ոչինչ պատահած չլիներ, և նույնիսկ, գուցե, մտադիր էր իր հերթին որևէ բան պատմել։
 +
 +
=== XIV ===
 +
 +
— Սրամտությունից զուրկ եմ, Նաստասյա Ֆիլիպովնա, դրա համար էլ ավելորդ բաներ եմ դուրս տալիս,— բացականչեց Ֆերդիշչենկոն, իր պատմությունն սկսելով։— Եթե ես էլ Աֆանասի Իվանովիչի կամ Իվան Պետրովիչի պես սրամիտ լինեի, ես էլ այսօր ամբողջ ժամանակ կնստեի ու կլռեի Աֆանասի Իվանովիչի և Իվան Պետրովիչի նման։ Իշխան, թույլ տվեք հարցնել, ինչ եք կարծում, ահա ինձ շարունակ թվում է, որ աշխարհում շատ ավելի են գողերը, քան ոչ գողերը և որ նույնիսկ չկա մի այնպիսի ամենաազնիվ մարդ, որը կյանքում գեթ մի անգամ որևէ բան գողացած չլինի։ Սա իմ միտքն է, որից, սակայն, ես ամենևին էլ չեմ ուզում եզրակացնել, որ բոլորը համատարած գողեր են միայն, թեև, աստված վկա, երբեմն սաստիկ կուզենայի այդ ևս եզրակացնել։ Ուրեմն ի՞նչ եք կարծում։
 +
 +
— Թո՛ւ, ինչ հիմար ձևով եք պատմում,— արձագանքեց Դարյա Ալեքսեևնան,— և ինչ հիմարություն, չի կարող պատահել, որ բոլորը որևէ բան գողանան. ես երբեք ոչ մի բան շեմ գողացել։
 +
 +
— Դուք երբեք ոչինչ չեք գողացել, Դարյա Ալեքսեևնա. բայց ի՞նչ կասի իշխանը, որը հանկարծ ամբողջովին շիկնեց։
 +
 +
— Ինձ թվում է, դուք ճիշտ եք ասում, միայն թե շատ եք չափազանցնում,— ասաց իշխանը, իրոք չգիտես ինչից շիկնելով։
 +
 +
— Իսկ դուք ինքներդ, իշխան, ոչի՞նչ չեք գողացել։
 +
 +
— Թո՛ւ, ինչ ծիծաղելի է։ Ուշքի եկեք, պարոն Ֆերդիշչենկո,— պաշտպան կանգնեց գեներալը։
 +
 +
— Ուղղակի, հենց որ բանը հասավ գործին, ամաչեցիք պատմել, ահա և ուզում եք իշխանին պոչ անել ձեզ, փառք, որ նա առարկող չէ,— հատու ասաց Դարյա Ալեքսեևնան։
 +
 +
— Ֆերդիշչենկո, կամ պատմեցեք, կամ լսեցեք և միայն ձեր մասին խոսեցեք։ Դուք մարդու համբերությունից հանում եք,— խիստ ու զայրագին ասաց Նաստասյա Ֆիլիպովնան։
 +
 +
— Այս րոպեիս, Նաստասյա Ֆիլիպովնա, բայց եթե իշխանը խոստովանեց, որովհետև ես այն կարծիքի եմ, որ իշխանը միևնույն է թե խոստովանեց, ապա ի՞նչ կասեր, օրինակ, որևէ մեկ ուրիշը (առանց մեկի անունը տալու), եթե ուզենար երբևէ ճշմարտությունն ասել։ Ինչ վերաբերում է ինձ, պարոնայք, ապա է՛լ պատմելու բան էլ չմնաց. շատ հասարակ, և հիմար, և վատ բան է։ Բայց հավատացնում եմ ձեզ, որ ես գող չեմ. իսկ ինչպես գողացա, չգիտեմ։ Դա երեք տարի առաջ էր, Սիմյոն Իվանովիչ Իշչենկոյի ամառանոցում, մի կիրակի օր։ Նրա տանը հյուրեր էին ճաշում։ Ճաշից հետո տղամարդիկ մնացին գինի խմելու։ Խելքիս փչեց Մարյա Սեմյոնովնային, նրա աղջկանը, օրիորդին, խնդրել, որ դաշնամուր նվագի։ Անցնում եմ անկյունի սենյակով, Մարյա Իվանովնայի աշխատասեղանի վրա երեք ռուբլի է դրած, կանաչ թղթադրամ. հանել էր, որ տնտեսության ինչ֊որ ծախսերի տար։ Սենյակում ոչ ոք չկար։ Ես թղթադրամը վերցրի ու գրպանս դրի, ինչի համար՝ չգիտեմ։ Ինձ ինչ պատահեց՝ չեմ հասկանում։ Միայն թե շտապ վերադարձա և սեղան նստեցի։ Ես նստել և սպասում էի, բավական ուժեղ հուզմունքով, անվերջ շաղակրատում էի, անեկդոտներ պատմում, ծիծաղում, հետո մոտ նստեցի տիկիններին։ Մոտավորապես կես ժամ հետո նկատեցին և սկսեցին հարցնել աղախիններին։ Կասկածեցին Դարյա աղախնին։ Ես արտասովոր հետաքրքրություն ու մասնակցություն ցուցաբերեցի, և նույնիսկ հիշում եմ, երբ Դարյան բոլորովին կորցրեց ինքն իրեն, սկսեցի համոզել նրան, որ խոստովանի, գլխովս երաշխավորելով Մարյա Իվանովնայի բարության համար, և դա բարձրաձայն, և բոլորի ներկայությամբ։ Բոլորը նայում էին, իսկ ես անսովոր բավականություն էի զգում հենց նրանից, որ ինքս քարոզում եմ, իսկ թղթադրամը ախր իմ գրպանում է։ Այդ երեք ռուբլին ես նույն երեկոյան խմիչքի տվեցի ռեստորանում։ Մտա և մի շիշ լաֆիտ խնդրեցի, մինչ այդ երբեք չէի խնդրում այդպիսի մի շիշ, առանց ոչնչի։ Ուզեցա որքան կարելի է շուտ ծախսել։ Առանձնապես խղճի խայթ չէի զգում ոչ այն ժամանակ, ոչ հետո։ Ուրիշ անգամ, հավանաբար չէի կրկնի. դրան հավատացեք, կամ ոչ, ինչպես կամենաք, ես չեմ հետաքրքրվում։ Դե, ահա և բոլորը։
 +
 +
— Միայն թե, իհարկե, դա ձեր ամենավատ արարքը չէ,― խորշանքով ասաց Դարյա Ալեքսեևնան։
 +
 +
— Դա հոգեբանական դեպք է, և ոչ թե արարք,— նկատեց Աֆանասի Իվանովիչը։
 +
 +
— Իսկ աղախի՞նը,— հարցրեց Նաստասյա Ֆիլիպովնան, չթաքցնելով իր զզվալից նողկանքը։
 +
 +
— Իսկ աղախնուն, հասկանալի է, մյուս օրն ևեթ վռնդեցին։ Դա խիստ տուն է։
 +
 +
— Եվ դուք թո՞ւյլ տվիք։
 +
 +
— Այ թե հիանալի՜ է։ Մի՞թե ես պիտի գնայի ու հանձն առնեի,— քրքջաց Ֆերդիշչենկոն, ի դեպ, մասամբ զարմացած իր պատմությունից ստացված ընդհանուր, չափազանց տհաճ տպավորությունից։
 +
 +
— Ի՜նչ կեղտոտ բան է դա,— բացականչեց Նաստասյա Ֆիլիպովնան։
 +
 +
— Վա՛հ։ Դուք ուզում եք մարդուց լսել նրա ամենավատ արարքը և դեռ փայլ եք պահանջում։ Ամենավատ արարքը միշտ էլ շատ կեղտոտ է լինում, մենք հիմա դա կիմանանք Իվան Պետրովիչից. և քի՞չ բաներ կան, որ արտաքուստ փայլում են և ուզում են առաքինություն թվալ, որովհետև սեփական կառք ունեն։ Քի՞չ կան մարդիկ, որ սեփական կառք ունեն... Եվ ինչ միջոցներով․․․
 +
 +
Մի խոսքով, Ֆերդիշչենկոն բոլորովին չդիմացավ և հանկարծ չարացավ նույնիսկ ինքն իրեն կորցնելու աստիճան, և չափն անցավ, նույնիսկ նրա ամբողջ դեմքը ծամածռվեց։ Որքան էլ տարօրինակ է, բայց շատ հնարավոր է, որ նա բոլորովին այլ հաջողություն էր սպասում իր պատմությունից։ Վատ տոնի այդ «վրիպումները» և «հատուկ տեսակի պարծենկոտությունը», ինչպես դրա մասին արտահայտվեց Տոցկին, Ֆերդիշչենկոյին չափազանց հաճախ էին պատահում և միանգամայն համապատասխանում էին նրա բնավորությանը։
 +
 +
Նաստասյա Ֆիլիպովնան նույնիսկ ցնցվեց զայրույթից և շեշտակի նայեց Ֆերդիշչենկոյին. սա վայրկենապես վախեցավ ու ձայնը կտրեց, գրեթե վախից սառչելով. շատ էր հեռուն գնացել։
 +
 +
— Արդյոք չվերջացնե՞նք բոլորովին,— խորամանկորեն հարցրեց Աֆանասի Իվանովիչը։
 +
 +
— Հերթը իմն է, բայց ես օգտվում եմ իմ արտոնությունից և չեմ պատմի,— վճռական ասաց Պտիցինը։
 +
 +
― Դուք չե՞ք ուզում։
 +
 +
— Չեմ կարող, Նաստասյա Ֆիլիպովնա, և առհասարակ այսպիսի պտի-ժյոն անհնարին բան եմ համարում։
 +
 +
― Գեներալ, կարծեմ, ըստ հերթի, դուք եք պատմելու,— նրան դիմեց Նաստասյա Ֆիլիպովնան,— եթե դուք էլ հրաժարվեք, ապա ձեր հետևից ամեն ինչ կխախտվի, և ես շատ կափսոսամ, որովհետև ես մտադիր էի որպես եզրափակում մի արարք պատմել «իմ սեփական կյանքից», միայն թե ձեզանից ու Աֆանասի Իվանովիչից հետո, որովհետև չէ՞ որ դուք պետք է քաջալերեք,— եզրափակեց նա ծիծաղելով։
 +
 +
― Օ, եթե դուք էլ եք խոստանում,— տաք֊տաք բացականչեց գեներալը,― ապա ես պատրաստ եմ ձեզ թեկուզ ամբողջ կյանքս պատմել, բայց ես, խոստովանում եմ, հերթի սպասելով, արդեն պատրաստել եմ իմ անեկդոտը։
 +
 +
— Եվ արդեն նորին գերազանցության լոկ տեսքից կարելի է եզրակացնել, թե գրական ինչպիսի առանձնահատուկ բավականությամբ է մշակել իր անեկդոտը,— համարձակվեց նկատել դեռևս մի փոքր շվաթված Ֆերդիշչենկոն, թունալի ժպտալով։
 +
 +
Նաստասյա Ֆիլիպովնան հարևանցի նայեց գեներալին և նույնպես մտքում ժպտաց։ Բայց երևում էր, որ նրա մեջ թախիծն ու գրգռվածությունը ավելի ու ավելի, էին սաստկանում։ Աֆանասի Իվանովիչը կրկնակի վախեցավ, լսելով նրա պատմության խոստումը։
 +
 +
— Ինձ, պարոնայք, ինչպես և ամեն մեկին, պատահել են ոչ բոլորովին գեղեցիկ արարքներ իմ կյանքում,— սկսեց գեներալը,— բայց ամենատարօրինակն այն է, որ ես ինքս, այն կարճառոտ անեկդոտը, որ հիմա կպատմեմ, համարում եմ իմ ամբողջ կյանքի ամենավատ անեկդոտը։ Այնինչ դրանից անցել է համարյա երեսունհինգ տարի, բայց դա հիշելիս երբեք չեմ կարողացել կտրվել, այսպես ասած, սիրտս ճանկռող տպավորությունից։ Ի դեպ, չափազանց հիմար բան է. ես այն ժամանակ դեռ միայն պրապորշչիկ էի և բանակում լուծ էի քաշում։ Դե, հայտնի բան է, պրապորշչիկի արյունը եռման է լինում, իսկ տնտեսությունը՝ կոպեկանոց. այն ժամանակ մի սպասյակ ունեի, որը սաստիկ հոգ էր տանում իմ տնտեսության մասին, կուտակում էր, կարկատում, քերում ու մաքրում, և նույնիսկ ամեն տեղ ամեն բան գողանում, ինչ որ կարողանում էր գողանալ, որպեսզի տան եղածն ավելացներ, ամենահավատարիմ և ազնվագույն մարդ էր․ ես, հասկանալի է, խիստ էի, բայց արդարադատ։ Այնպես պատահեց, որ միառժամանակ կանգնած էինք մի փոքրիկ քաղաքում։ Ինձ բնակարան հատկացրին ֆորշտադում, մի պաշտոնաթող պոդպորուչիկի կնոջ, այն էլ այրու տանը։ Պառավը կլիներ ութսուն տարեկան, կամ, համենայն դեպս, դրան մոտիկ։ Տնակը խարխուլ էր, անպետք, փայտաշեն, և պառավը նույնիսկ աղախին չուներ աղքատության պատճառով։ Բայց գլխավորը նրանով էր աչքի ընկնում, որ մի ժամանակ ունեցել էր ամենաբազմանդամ ընտանիք ու հարազատներ, բայց ոմանք նրա կյանքի ընթացքում մեռել էին, մյուսները ցրվել այս ու այն կողմ, ոմանք մոռացել էին պառավին, իսկ ամուսնուն նա թաղել էր մոտ քառասունհինգ տարի առաջ։ Դրանից դեռ մի քանի տարի առաջ նրա հետ ապրում էր նրա մի ազգականուհին, ասում են կուզիկ ու վհուկի պես չար, և նույնիսկ մի անգամ կծել էր պառավի մատը, բայց նա էլ էր մեռել, այնպես որ, պառավը մոտ երեք տարի յոլա էր գնում մեն-մենակ։ Ինձ համար խիստ տխուր էր նրա մոտ, և այնպես դատարկ կին էր, որ նրանից ոչինչ չէր կարելի ստանալ։ Վերջապես գողացավ իմ աքաղաղը։ Այդ գործը մինչև հիմա մութն է, բայց նրանից բացի ուրիշ ոչ ոք չէր կարող անել։ Աքլորի համար մենք կռվեցինք և բավական խիստ, իսկ այստեղ այնպես պատահեց, որ ինձ, առաջին իսկ խնդրանքովս, փոխադրեցին ուրիշ բնակարան՝ հակադիր ֆորշտադում, այսօրվա պես հիշում եմ, մի մեծ մորուքով վաճառականի խիստ բազմանդամ ընտանիքը։ Նիկիֆորի հետ փոխադրվում ենք ուրախությամբ, իսկ պառավին թողնում ենք զայրույթով։ Անցնում է մի երեք օր, վերադառնում եմ պարապմունքից, Նիկիֆորը զեկուցում է, «որ զուր տեղը, ձերդ ազնվություն, մեր պնակը թողինք նախկին տանտիրուհու մոտ, ապուրը մատուցելու աման չկա»։ Ես, հասկանալի է, զարմացած եմ. «Ինչպե՞ս թե, ինչո՞ւ է մեր պնակը տանտիրուհու մոտ մնացել»։ Զարմացած Նիկիֆորը շարունակում է զեկուցել, որ երբ մենք տեղափոխվում էինք, տանտիրուհին մեր պնակը նրան չի տվել այն պատճառով, որ ես կոտրել եմ նրա սեփական կճուճը, ուստի նա իր կճուճի փոխարեն պահում է մեր պնակը, և իբր թե ես եմ նրան այդ առաջարկել։ Նրա կողմից այդպիսի ստորությունը, հասկանալի է, ինձ հանեց վերջին սահմաններից, արյունս եռաց, վեր թռա, սլացա։ Պառավի մոտ եմ գալիս, այսպես ասած, ինքս ինձ կորցրած, տեսնեմ, նա նստել է հաշտում մեն-մենակ, անկյունում, կարծես արևից պաշտպանվելով, ձեռքը այտին նեցուկ արած։ Ես անմիջապես, գիտե՞ք, որոտ ու կայծակ թափեցի նրա գլխին, «դու էսենց, էնենց», և, գիտե՞ք, այսպես ռուսավարի։ Միայն տեսնեմ, ինչ-որ տարօրինակ բան է, նստել է նա, երեսն ինձ հառել, աչքերը չռել, և ոչ մի խոսք ի պատասխան, և այնպես տարօրինակ-տարօրինակ է նայում, կարծես օրորվում է։ Ես, վերջապես, ձայնս կտրեցի, ուշադիր նայում եմ, հարց տալիս, ոչ մի խոսք ի պատասխան։ Ես մի փոքր կանգնեցի անվճռական. ճանճերը բզզում են, արևը մայր է մտնում, լռություն է. կատարյալ շփոթմունքի մեջ ընկած՝ ես, վերջապես, գնում եմ. դեռ տուն չհասած, պահանջեցին, որ մայորին ներկայանամ, հետո հարկ եղավ անցնել վաշտ, այնպես որ տուն վերադարձա, երբ բոլորովին իրիկնացել էր։ Նիկիֆորի առաջին խոսքն էր. «Իսկ գիտե՞ք, ձերդ ազնվություն, ախր մեր տանտիրուհին մեռել է»։— «Ե՞րբ»։— «Այսօր երեկոյան կողմ, մոտ մեկուկես ժամ առաջ»։ Դա, նշանակում է, հենց այն ժամանակ, երբ ես նրան հայհոյում էի, նա հոգին էր ավանդում։ Դա ինձ այնպես ապշեցրեց, կասեմ ձեզ, որ հազիվ ուշքի եկա։ Սկսեցի նույնիսկ մտածել, նույնիսկ գիշերը երազիս եկավ։ Ես, իհարկե, նախապաշարմունքներ չունեմ, բայց երրորդ օրը գնացի եկեղեցի՝ թաղմանը։ Մի խոսքով, որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի եմ մտածում։ Չէի ասի, թե հաճախ, բայց այնպես, երբեմն պատկերացնում ես և վատ ես լինում։ Գլխավորը, ինչն է այստեղ, ինչպես վերջ ի վերջո ես դատեցի։ Նախ և առաջ այդ կինը, այսպես ասած, մարդկային արարածը, ապրում էր, երկար էր ապրում, վերջապես չափից ավելի երկար ապրեց։ Մի ժամանակ ունեցել է երեխաներ, ամուսին, ընտանիք, հարազատներ, այդ ամենը նրա շուրջը, այսպես ասած, եռացել է, այդ բոլոր այսպես ասած, ժպիտները, և հանկարծ՝ լիակատար փա՜ս, ամեն ինչ հօդս է ցնդել, մնացել է մեն-մենակ, ինչպես․․․ մի ճանճ, որ իր վրա կրում է ժամանակի անեծքը։ Եվ ահա, վերջապես, աստված վախճանին է հասցնում։ Սրևամուտին, մի խաղաղ ամառային երեկո, չվում է և իմ պառավը,— իհարկե, այստեղ բարոյախոսական իմաստ կա. և ահա հենց այդ վայրկյանին, փոխանակ, այսպես ասած, բարի երթի արցունքի, երիտասարդ, հանդուգն մի պոդպորուչիկ, ձեռները կանթած ու սանձարձակ, նրան երկրի երեսից ճամփու է դնում ռուսական լպիրշ հայհոյանքների տարրերով, կորած պնակի համար։ Անկասկած, ես մեղավոր եմ, և չնայած վաղուց, շատ վաղուց, տարիներն անցնելու և բնավորությունս փոխվելու կապակցությամբ իմ այդ արարքին նայում եմ որպես մի ուրիշի արարքի, բայց և այնպես շարունակում եմ զղջալ։ Այնպես որ, կրկնում եմ, ինձ համար նույնիսկ տարօրինակ է, առավել ևս, որ եթե անգամ ես մեղավոր եմ, ապա չէ՞ որ ոչ բոլորովին. ինչո՞ւ էր նրա խելքին փչել հենց այդ ժամանակ մեռնել։ Հասկանալի է, այստեղ մի արդարացում կա, որ արարքս որոշ չափով հոգեբանական էր, բայց և այնպես ես չէի կարող հանգստանալ, մինչև սրանից տասնհինգ տարի առաջ հանձն չառա անկելանոցում մշտապես երկու հիվանդ պառավ պահել իմ հաշվին, վայելուչ հոգացողությամբ նրանց երկրային կյանքի վերջին օրերը թեթևացնելու նպատակով։ Մտադիր եմ դա առհավետ դարձնել, կտակելով դրամագլուխ։ Դե, ահա և բոլորը։ Կրկնում եմ, որ գուցե կյանքում ես շատ բաներում եմ մեղավոր եղել, բայց այս դեպքը, խղճի մտոք, համարում եմ ամբողջ կյանքիս ամենավատթար արարքը։
 +
 +
— Եվ փոխանակ ամենավատթար արարքի, ձերդ գերազանցությունը պատմեց իր կյանքի լավ արարքներից մեկը․ խաբեցի՜ք Ֆերդիշչենկոյին,— եզրակացրեց Ֆերդիշչենկոն։
 +
 +
— Հիրավի, գեներալ, ես նույնիսկ չէի պատկերացնում, որ դուք համենայն դեպս բարի սիրտ կունենաք. նույնիսկ ափսոսում եմ,— անփույթ ասաց Նաստասյա Ֆիլիպովնան։
 +
 +
— Ափսոսո՞ւմ եք։ Այդ ինչո՞ւ,— սիրալիր ծիծաղով հարցրեց գեներալը և ոչ առանց ինքնագոհության կում արեց շամպայնից։
 +
 +
Բայց հերթը հասել էր Աֆանասի Իվանովիչին, որը նույնպես պատրաստվել էր։ Բոլորը կռահում էին, որ նա չի հրաժարվի, ինչպես Իվան Պետրովիչը, և որոշ պատճառներով նրա պատմությանը սպասում էին առանձնահատուկ հետաքրքրությամբ և միաժամանակ նայում էին Նաստասյա Ֆիլիպովնային։ Արտասովոր արժանապատվությամբ, որ լիովին համապատասխանում էր նրա հոյատեսիլ արտաքինին, հանդարտ, սիրալիր ձայնով սկսեց Աֆանասի Իվանովիչը իր «անուշիկ պատմություններից» մեկը։ (Ի դեպ է ասել, որ նա աչքի ընկնող մարդ էր, հոյատեսիլ, բարձրահասակ, մի քիչ ճաղատ, մի քիչ ալեխառն և բավական գեր, փափլիկ, կարմիր և փոքր-ինչ կախ ընկած այտերով, դնովի ատամներով։ Հագնվում էր լայն ու նրբագեղ և զարմանալի սպիտակեղեն էր գործածում։ Մարդու աչքը մնում էր նրա թմբլիկ սպիտակ ձեռների վրա։ Աջ ձեռքի ցուցամատին թանկագին ադամանդե մատանի կար։) Նաստասյա Ֆիլիպովնան նրա պատմության ամբողջ ընթացքում ուշադիր զննում էր իր թևքի բոլորազարդի ժանյակը և պռճոկում ձախ ձեռքի երկու մատով, այնպես որ ոչ մի անգամ ժամանակ չունեցավ նույնիսկ նայելու պատմողին։
 +
 +
— Մի բան, որ ամենից ավելի թեթևացնում է իմ խնդիրը,― սկսեց Աֆանասի Իվանովիչը,— դա անպայման պարտավորությունն է պատմել ոչ այլ կերպ, քան իմ ողջ կյանքի ամենավատթար արարքը։ Այս դեպքում, հասկանալի է, չի կարող տատանում լինել․ խիղճը և սրտի հիշողությունն անմիջապես կհուշեն, թե հատկապես ի՛նչ պետք է պատմել։ Դառնությամբ խոստովանում եմ, իմ կյանքի բոլոր անհամար, թերևս թեթևամիտ ու․․․ թեթևսոլիկ արարքների թվում կա մեկը, որի տպավորությունը շատ ծանր է պառկել իմ հիշողության մեջ։ Դա պատահեց մոտ քսան տարի առաջ, ես այն ժամանակ անցա գյուղ՝ Պլատոն Օրդինցևի մոտ։ Նա հենց նոր ընտրվել էր պարագլուխ և ջահել կնոջ հետ եկել էր ձմեռային տոներն անցկացնելու։ Հենց այդ ժամանակ էլ վրա հասավ Անֆիսա Ալեքսեևնայի ծննդյան տոնը և նշանակվեց երկու պարահանդես։ Այն ժամանակ սաստիկ մոդա էր և բարձր հասարակության մեջ հենց նոր էր թնդացել Դյումա֊ֆիսի «La dame aux camélias»<ref>Դյումա֊որդու «Կամելիազարղ տիկինը» (ֆրանս.)։
 +
</ref> սքանչելի վեպը, մի պոեմ, որին, իմ կարծիքով չի վիճակված ոչ մեռնել, ոչ ծերանալ։ Գավառում բոլոր տիկնայք հիացած էին զմայլանքի աստիճան, համենայն դեպս նրանք, ովքեր կարդացել էին։ Պատմվածքի հրապույրը, գլխավոր անձի մատուցման ինքնատիպությունը, ամենայն նրբությամբ վերլուծված այդ գրավիչ աշխարհը և վերջապես գրքում շաղ տված այդ բոլոր հմայիչ մանրամասնությունները (օրինակ, հերթականությամբ սպիտակ և վարդագույն կամելիաների ծաղկեփնջերի օգտագործման հանգամանքը), մի խոսքով, այս բոլոր սքանչելի մանրամասները և այդ բոլորը միասին, գրեթե ցնցում էին առաջացրել։ Կամելիայի ծաղիկները զարմանալի մոդա դարձան։ Բոլորը կամելիա էին պահանջում, բոլորը որոնում էին։ Ես ձեզ հարց եմ տալիս՝ գավառում արդյոք շա՞տ կարելի է կամելիա ճարել, երբ բոլորը պարահանդեսների համար այդ ծաղիկն են պահանջում, թեկուզև պարահանդեսներ քիչ լինեին։ Այն ժամանակ խեղճ Պետյա Վերխովսկոյը հալումաշ էր լինում Անֆիսա Ալեքսեևնայի համար։ Հիրավի, չգիտեմ, նրանց մեջ որևէ բան կա՞ր, այսինքն, ուզում եմ ասել, արդյոք նա կարո՞ղ էր գեթ որևէ լուրջ հույս տածել։ Խեղճը խելքը կորցնում էր, որպեսզի երեկոյան պարահանդեսին Անֆիսա Ալեքսեևնայի համար կամելիա ճարի։ Ինչպես հայտնի դարձավ, պետերբուրգցի կոմսուհի Սոցկայան՝ նահանգապետի կնոջ հյուրը և Սոֆյա Բեսպալովան, հավանաբար, կգնան սպիտակ ծաղկեփնջերով։ Անֆիսա Ալեքսեևնան, առանձնահատուկ տպավորության համար ուզեց ունենալ կարմիր ծաղիկներ։ Խեղճ Պլատոնին համարյա ուժասպառ արին. պարզ բան՝ չէ՞ որ ամուսինն է. հանձն առավ, որ ծաղկեփունջը կլինի, և ի՞նչ։ Նախորդ օրը, նրան կանխելով, ծաղիկներն իր ձեռքն էր գցել Միտիշչևան՝ Կատերինա Ալեքսանդրովնան, ամեն բանում Անֆիսա Ալեքսեևնայի սարսափելի մրցակցուհին, թշնամիներ էին։ Հասկանալի է, հիստերիկա, ուշագնացություն։ Պլատոնը կորավ։ Հասկանալի է, որ եթե այդ հետաքրքիր րոպեին Պետյան որևէ տեղից ծաղկեփունջ ճարեր, ապա Նրա գործերը կարող էին շատ առաջ գնալ, այդպիսի դեպքերում կնոջ շնորհակալությունն անսահման է։ Խելագարի նման դեսդեն է ընկնում, բայց անհնարին բան է, խոսք անգամ չի կարող լինել։ Հանկարծ նրան հանդիպում եմ արդեն երեկոյան տասնմեկին ծննդյան օրվա ու պարահանդեսի նախօրեին, Օրդինցևի հարևանուհու՝ Մարյա Պետրովնա Զուբկովայի մոտ։ Փայլում է։ «Քեղ ի՞նչ է պատահել»։— «Գտե՜լ եմ։ Էվրիկա»։— «Դե, եղբայր, այ թե զարմացրիր ինձ։ Որտեղի՞ց։ Ինչպե՞ս»։ — «Եկշայսկում (այնտեղ մի այդպիսի պստլիկ քաղաք կա, ընդամենը քսան վերստի վրա և մեր գավառի մեջ չի մտնում), այնտեղ Տրեպալով ազգանունով մի վաճառական կա, մորուքավոր ու հարուստ, ապրում է պառավ կնոջ հետ և երեխաների փոխարեն միայն դեղձանիկներ ունի։ Երկուսն էլ ծաղկի սիրահարներ են, նա կամելիաներ ունի»։— «Ներիր, բայց դա հաստատ բան չէ․ հանկարծ ու չտա՞»։— «Ծնկի կգամ և նրա ոտների առաջ թավալ կտամ այնքան ժամանակ, մինչև որ տա, առանց դրա չեմ վերադառնա»։— «Իսկ ե՞րբ ես գնում»։― «Վաղը լույսը չբացված, ժամը հինգին»։— «Դե, տեր ընդ քեզ»։ Եվ գիտե՞ք, այնպես ուրախ եմ նրա համար. վերադառնում եմ Օրդինցևի մոտ, վերջապես, արդեն ժամը երկուսն է դառնում, բայց միտքս շարունակ դրանով է զբաղված։ Ուզում էի արդեն պառկել քնելու, հանկարծ մի շատ հետաքրքիր միտք ծագեց գլխումս։ Անմիջապես անցնում եմ խոհանոց, զարթնեցնում եմ կառապան Սավելիին, տասնհինգ ռուբլի եմ տալիս նրան՝ «կես ժամում ձիերը լծիր»։ Կես ժամ անց, հասկանալի է, սայլակը դարպասի մոտ է։ Ասացին, որ Անֆիսա Ալեքսեևնայի գլուխը ցավում է, տենդում ու զառանցում է, նստում ու գնում եմ։ Ժամը հինգը չկա, ես արդեն Եկշայսկում եմ, իջևանատանը. սպասեցի մինչև լուսաբաց և միայն մինչև լուսաբաց. ժամը յոթը չեղած արդեն Տրեպալովի տանն եմ։ «Այսպես ու այսպես, կամելիաներ ունե՞ք։ Հարազատ հայր, օգնիր, փրկիր, ոտներդ կընկնեմ»։ Տեսնում եմ, բարձրահասակ ծերունի է, ալեհեր, խստաբարո, սարսափելի ծերունի է։ «Չէ որ չէ, ո՛չ մի կերպ։ Համաձայն չեմ»։ Ես թրըմը՜փ նրա ոտների առաջ։ «Ի՜նչ եք անում, եղբայր, ի՜նչ եք անում, այ հերս»,— նույնիսկ վախեցավ։ «Ախր այստեղ կյանքի խնդի՜ր է»,— բղավում եմ նրան։ «Դե, վերցրեք, որ էդպես է, աստված ձեզ հետ։ Ա՜յ թե քաղեցի կարմիր կամելիաներ, հրա՜շք, հիացք, մի ամբողջ փոքրիկ ջերմոց ուներ նա։ Հոգոց է հանում ծերունին։ Հանում եմ հարյուր ռուբլի։ «Է՜, ոչ, եղբայր, մի բարեհաճեք ինձ այդպես վիրավորել»։— «Որ էդպես է, ասում եմ, պատվելի, բարեհաճեցեք այս հարյուր ռուբլին այստեղի հիվանդանոցին տալ, ծախսերը հոգալու և սնունդը բարելավելու համար»։— «Այ, դա, ասում է, եղբայր, ուրիշ բան է, և բարի, և ազնիվ, և աստվածահաճո գործ է, հենց ձեր ողջության համար կտամ»։ Եվ գիտե՞ք, ինձ դուր եկավ այդ ռուս ծերունին, այսպես ասած, զտարյուն ռուսը, de la vrai souche<ref>Բուն, իսկական (ֆրանս.)։
 +
</ref>։ Հաշողությունից հիացած, անմիջապես վերադարձի ճամփան եմ բռնում, վերադառնում ենք զարտուղի ճանապարհով, որպեսզի Պետյային չհանդիպենք։ Հենց որ տեղ հասա, ծաղկեփունջն անմիջապես ուղարկեցի, որպեսզի Անֆիսա Ալեքսեևնան հենց որ արթնանա, տեսնի։ Կարող եք պատկերացնել նրա հիացմունքը, շնորհակալությունը, շնորհակալության արցունքները։ Պլատոնը՝ դեռ երեկ սպանված ու մեռած Պլատոնը, հեկեկում է իմ կրծքին։ Ավա՜ղ։ Բոլոր ամուսիններն այդպես են... Օրինական ամուսնության ստեղծումից ի վեր։ Ոչինչ չեմ համարձակվում ավելացնել, միայն թե խեղճ Պետյայի գործերը այդ միջադեպից հետո վերջնականապես փուլ եկան։ Սկզբում ես կարծում էի, թե նա ինձ կմորթի, հենց որ իմանա, նույնիսկ արդեն պատրաստվել էի դիմավորել, բայց պատահեց մի բան, որին ես նույնիսկ չէի հավատա․ ուշագնաց է լինում, երեկոյան դեմ սկսվում է զառանցանք, առավոտյան դեմ՝ տենդ․ մանկան պես հեկեկում է, ջղաձգության մեջ գալարվում։ Միայն մի ամիս հետո առողջացավ, Կովկաս մեկնեց. իսկական սիրավեպ ստացվեց։ Վերջացրեց նրանով, որ Ղրիմում սպանվեց։ Դեռ այն ժամանակ նրա եղբայրը՝ Սաեպան Վորխովսկին, գնդի հրամանատար էր, աչքի էր ընկել։ Խոստովանում եմ, հետո նույնիսկ շատ տարիներ անց խիղճս տանջում էր ինձ, ինչի՞ համար, ինչո՞ւ այդպես խոցեցի նրան։ Ուրիշ բան, եթե գոնե ինքս սիրահարված լինեի այն ժամանակ։ Այնինչ պարզապես չարաճճիություն էր, պատճառը ամենասովորական կնամոլությունն էր, ոչ ավելի։ Եվ եթե այդ ծաղկեփունջը նրա ձեռքից խլած չլինեի, ով գիտե, մարդը մինչև հիմա ապրելիս կլիներ, երջանիկ կլիներ, հաջողություն կունենար և մտքով չէր անցկացնի թուրքի գնդակների տակ ընկնել։
 +
 +
Աֆանասի Իվանովիչը ձայնը կտրեց նույն ծանրախոհ արժանապատվությամբ, որով սկսել էր պատմությունը։ Նկատեցին, որ Նաստասյա Ֆիլիպովնայի աչքերը ինչ֊որ առանձնահատուկ ձևով փայլատակեցին և նույնիսկ շրթունքները ցնցվեցին, երբ Աֆանասի Իվանովիչն ավարտեց։ Բոլորը հետաքրքրությամբ նայում էին նրանց երկուսին։
 +
 +
— Ֆերդիշչենկոյի հախից եկաք։ Ա՜յ թե հախից եկաք։ Չէ, մարդու հախից էսպե՜ս կգան,— լալագին ձայնով բացականչեց Ֆերդիշչենկոն, հասկանալով, որ կարելի է և պետք է մի խոսք ասի։
 +
 +
— Իսկ ձեզ ո՞վ է իրավունք տվել գործը չհասկանալ։ Դե ահա սովորեցեք խելոք մարդկանցից,― նրա խոսքը կտրեց գրեթե հաղթական տոնով Դարյա Ալեքսեևնան (Տոցկու վաղեմի ու հավատարիմ բարեկամուհին ու գործակիցը)։
 +
 +
— Դուք իրավացի եք, Աֆանասի Իվանովիչ, սա շատ ձանձրալի պտի֊ժյո է և պետք է շուտով վերջացնել,― անփութորեն ասաց Նաստասյա Ֆիլիպովնան,— ինքս կպատմեմ, ինչ որ խոստացել էի, և եկեք բոլորս թուղթ խաղանք։
 +
 +
— Բայց ամենից առաջ խոստացած անեկդոտը,― տաք֊տաք հավանություն տվեց գեներալը։
 +
 +
— Իշխան,— հանկարծ կոշտ ու անսպասելի նրան դիմեց Նաստասյա Ֆիլիպովնան,— ահա այստեղ իմ հին բարեկամները, գեներալը և Աֆանասի Իվանովիչն ինձ շարունակ ուզում են ամուսնացնել։ Ասացեք ինձ, ի՞նչ եք կարծում, ամուսնանա՞մ, թե ոչ։ Ինչպես որ ասեք, այնպես էլ կանեմ։
 +
 +
Աֆանասի Իվանովիչը գույնը թռցրեց, գեներալը քարացավ, բոլորը աչքները չռեցին և գլուխներն առաջ գցեցին։ Գանյան սառեց տեղում։
 +
 +
— Ո՞ւմ... ո՞ւմ հետ,— նվաղուն ձայնով հարցրեց իշխանը։
 +
 +
— Գավրիլա Արդալիոնովիչ Իվոլգինի,— շարունակեց Նաստասյա Ֆիլիպովնան առաջվա պես կոշտ, հաստատուն ու հատու։
 +
 +
Անցավ լռության մի քանի վայրկյան. իշխանը կարծես թե ճգնում էր, բայց չէր կարողանում խոսք արտասանել, ասես մի սարսափելի ծանրություն ճնշում էր նրա կուրծքը։
 +
 +
— Ո֊ոչ... մի ամուսնացեք,— շշնջաց նա վերջապես, և գժվարությամր շունչը ետ բերեց։
 +
 +
— Թող հենց այդպես էլ լինի, Գավրիլա Արդալիոնովիչ,— տիրաբար և մի տեսակ հանդիսավորությամբ դիմեց նրան Նաստասյա Ֆիլիպովնան,— դուք լսեցի՞ք, ինչպես վճռեց իշխանը։ Դե հենց դա էլ իմ պատասխանն է, և թող այս գործը մեկընդմիշտ վերջացած համարվի։
 +
 +
— Նաստա՜սյա Ֆիլիպովնա,— դողդոջուն ձայնով ասաց Աֆանասի Իվանովիչը։
 +
 +
— Նաստա՜սյա Ֆիլիպովնա,— համոզիչ, բայց տագնապած ձայնով արտասանեց գեներալը։
 +
 +
Բոլորը տեղներից շարժվեցին և անհանգստացան։
 +
 +
— Այս ի՞նչ է, պարոնայք,— շարունակում էր Նաստասյա Ֆիլիպովնան, կարծես զարմացած նայելով հյուրերին։— Ինչո՞ւ այդպես իրար անցաք։ Եվ ինչպիսի՜ արտահայտություն ունեք բոլորդ։
 +
 +
— Բայց... մտաբերեք, Նաստասյա Ֆիլիպովնա,— կմկմալով քրթմնջաց Տոցկին,— դուք խոստում էիք տվել... միանգամայն կամավոր, և կարող էիք մասամբ խնայել... Ես դժվարանում եմ և... իհարկե, շփոթված եմ, բայց... Մի խոսքով, հիմա, մի այսպիսի րոպեի, և... և մարդկանց ներկայությամբ, և ամեն ինչ այսպես․․․ վերջացնել այսպիսի պտի֊ժյոյով լուրջ գործը, պատվի ու սրտի գործը, որից կախված է...
 +
 +
— Ձեզ չեմ հասկանում, Աֆանասի Իվանովիչ, դուք իրոք բոլորովին շփոթվում եք։ Նախ և առաջ, ինչ է նշանակում «մարդկանց ներկայությամբ»։ Մի՞թե մենք հիանալի մտերմիկ շրջանում չենք։ Եվ այստեղ ի՞նչ գործ ունի «պտի֊ժյոն»։ ես հիրավի ուզում էի պատմել իմ անեկդոտը, դե, ահա և պատմեցի. մի՞թե լավը չի։ Եվ ինչո՞ւ եք ասում, թե «լուրջ չէ»։ Մի՞թե սա լուրջ չէ։ Դուք լսեցիք, ես իշխանին ասացի՝ «ինչպես ասեք, այնպես էլ կլինի»․ ''այո'' ասեր՝ ես անմիջապես կտայի համաձայնությունս, բայց նա ասաց ''ոչ'' և ես մերժեցի։ Այստեղ իմ ամբողջ կյանքը մազից էր կախված. դրանից լուրջ ի՞նչ կարող էր լինել։
 +
 +
— Բայց իշխանը, ի՞նչ գործ ունի այստեղ իշխանը։ Եվ ի՞նչ է, վերջ ի վերջո, իշխանը,— մրթմրթաց գեներալը, գրեթե արդեն ի վիճակի չլինելով զսպել զաձրույթը իշխանի այդպիսի վիրավորական հեղինակության դեմ։
 +
 +
— Իշխանն ինձ համար այն է, որ ամբողջ կյանքումս առաջին անգամ նրան հավատացի որպես ինձ անկեղծորեն հավատարիմ մարդու։ Նա ինձ առաջին հայացքից հավատաց, ես էլ նրան եմ հավատում։
 +
 +
— Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել Նաստասյա Ֆիլիպովնայի այն արտասովոր նրբանկատության համար, որով... ինձ հետ վարվեց,― վերջապես դողդոջուն ձայնով և ծամածռվող շրթունքներով ասաց դժգունած Գանյան,— դա, իհարկե, այդպես էլ պետք է լիներ... Բայց... իշխանը... Իշխանն այս գործում...
 +
 +
— Յոթանասունհինգ հազարի՞ն է ուզում տիրանալ, ինչ է,— հանկարծ նրա խոսքը կտրեց Նաստասյա Ֆիլիպովնան,— ա՞յդ եք ուզում ասել։ Մի՛ թաքցրեք, դուք անպայման այդ էիք ուզում ասել։ Աֆանասի Իվանովիչ, ես մոռացա ավելացնել. այդ յոթանասունհինգ հազարը ձեզ վերցրեք և իմացեք, որ ձեզ ազատ եմ արձակում ձրի։ Բավական է։ Չէ՞ որ դուք էլ պետք է շունչ քաշեք։ Ինը տարի և երեք ամիս։ Վաղը նոր ձևով կլինի, իսկ այսօր ես անվանակոչիկ եմ և իմ գլխի տերն եմ, ամբողջ կյանքումս առաջին անգամ։ Գեներալ, դուք էլ վերցրեք ձեր մարգարիտը, նվիրեցեք ձեր կնոջը, ահա այն․ իսկ վաղվանից բոլորովին հեռանում եմ նաև բնակարանից։ Եվ այլևս երեկույթներ չեն լինի, պարոնա՛յք։
 +
 +
Այդ ասելով, նա հանկարծ վեր կացավ, կարծես ուզենալով հեռանալ։
 +
 +
― Նաստասյա Ֆիլիպովնա, Նաստասյա Ֆիլիպովնա,— լսվեց ամեն կողմից։ Բոլորն իրար անցան, բոլորը վեր կացան տեղներից. բոլորը շրջապատեցին նրան, բոլորն անհանգստացած լսում էին այդ հուզումնալից, տենդոտ, մոլեգին խոսքերը. բոլորն զգում էին ինչ֊որ անկարգություն, ոչ ոք չէր կարող մի մտքի հանգել, ոչ ոք չէր կարող ոչինչ հասկանալ։ Այդ ակնթարթին հանկարծ հնչեց զանգի զրնգուն, ուժգին ձայնը, ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես առավոտյան հնչեց Գանեչկայի բնակարանում։
 +
 +
— Ա֊ա֊ա՜։ Ահա՜ և վախճանը։ Վերջապե՜ս։ Տասներկուսի կեսն է,— ճչաց Նաստասյա Ֆիլիպովնան,― խնդրում եմ նստեք, պարոնայք, սա վերջն է։
 +
 +
Այս ասելով, նա ինքը նստեց։ Մի տարօրինակ ծիծաղ էր թրթռում նրա շուրթերին։ Նա նստել էր լուռ, տենդագին սպասման մեջ և նայում էր դռանը։
 +
 +
— Ռագոժինն է և հարյուր հազարը, կասկած չկա,— ինքնիրեն մրթմրթաց Պտիցինը։
 +
 +
=== XV ===
 +
 +
Սաստիկ վախեցած ներս մտավ աղախին Կատյան։
 +
 +
— Այնտեղ աստված գիտի թե ինչ է, Նաստասյա Ֆիլիպովնա, մի տասը հոգի ներս են թափվել, և բոլորը գինովցած, խնդրում են այստեղ թողնել, ասում են, Ռոգոժինն է, և որ դուք ինքներդ գիտեք։
 +
 +
— Ճիշտ է, Կատյա, բոլորին անմիջապես ներս թող։
 +
 +
— Մի՞թե... բոլորին, Նաստասյա Ֆիլիպովնա։ Ախր բոլորովին այլանդակ են։ Սոսկալի՜ բան։
 +
 +
— Բոլորին, բոլորին ներս թող, Կատյա, մի վախիր, բոլորին, մինչև վերջինը, թե չէ առանց քեզ էլ կմտնեն։ Տես թե արդեն ինչպես են աղմկում, ճիշտ առավոտվա պես։ Պարոնայք, գուցե դուք վիրավորվո՞ւմ եք,― դիմեց նա հյուրերին,— որ ես ձեր ներկայությամբ այդպիսի խումբ եմ ընդունում։ Ես շատ եմ ցավում և ներողություն եմ խնդրում, բայց այսպես է պետք, իսկ ես շատ, շատ կուզենայի, որ դուք բոլորդ համաձայնեիք այս վախճանի ժամանակ իմ վկաները լինել, թեև ասենք, ինչպես կամենաք...
 +
 +
Հյուրերը շարունակում էին զարմանալ, շշնջալ ու հայացքներ փոխանակել, բայց միանգամայն պարզ դարձավ, որ այդ ամենը հաշված ու վաղօրոք սարքած բան էր, և որ Նաստասյա Ֆիլիպովնային, թեև նա, իհարկե, խելագարվել է, հիմա էլ կոտրել չի լինի։ Բոլորին սաստիկ տանջում էր հետաքրքրությունը։ Ըստ որում, ոչ մեկն էլ շատ վախենալու բան չուներ։ Տիկնայք ընդամենը երկուսն էին. Դարյա Ալեքսեևնան՝ ժիր և շատ բաներ տեսած կին, որին դժվար էր շշկլեցնել, և հիասքանչ, բայց լռակյաց անծանոթուհին։ Բայց լռակյաց անծանոթուհին հազիվ թե կարողանար որևէ բան հասկանալ. դա եկվոր գերմանուհի էր և ռուսերենից ոչինչ չէր հասկանում, բացի այդ, կարծես, նույնքան հիմար էր, որքան և հիասքանչ։ Նա նոր մարդ էր, և արդեն ընդունված էր նրան հրավիրել որոշ երեկույթների, շքեղագույն զգեստով, կարծես ցուցահանդեսի համար սանրված, և նստեցնել ինչպես հիանալի պատկեր, որպեսզի զարդարի երեկոն, ճիշտ այնպես, ինչպես ոմանք իրենց երեկույթների համար ծանոթների մոտից ճարում են մի անգամվա համար որևէ պատկեր, վազա, արձան կամ էկրան։ Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա Պտիցինն, օրինակ, բարեկամ էր Ռոգոժինին. Ֆերդիշչենկոն իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում. Գանեչկան մինչև հիմա դեռ չէր կարողանում ուշքի գալ, սակայն թեև աղոտ, բայց անզուսպ կերպով ինքը տենդագին պահանջ էր զգում մինչև վերջ կանգնել իր անարգանքի սյան մոտ, ծերուկ ուսուցիչը, որը քիչ էր հասկանում, թե բանն ինչ է, համարյա լաց էր լինում և տառացիորեն դողում էր վախից, տեսնելով ինչ֊որ արտասովոր տագնապ շուրջը և Նաստասյա Ֆիլիպովնայի մեջ, որին պաշտում էր ինչպես իր թոռնիկին. բայց նա ավելի շուտ կմեռներ, քան մի այդպիսի րոպեի կլքեր Նաստասյա Ֆիլիպովնային։ Ինչ վերաբերում է Աֆանասի Իվանովիչին, ապա, իհարկե, նա չէր կարող իրեն վարկաբեկել այդպիսի արկածներով, բայց նա խիստ շահագրգռված էր թեկուզև այդպիսի խելագար ընթացք ստացող այս գործում, բացի այդ, Նաստասյա Ֆփլիպովնան էլ նրա հասցեին մի երկու այնպիսի խոսք բաց թողեց, որ ոչ մի կերպ չէր կարելի գնալ առանց գործը վերջնականապես պարզաբանելու։ Նա վճռեց մինչև վերջ նստել և արդեն բոլորովին լռել և մնալ սոսկ դիտող, մի բան, որ, իհարկե, պահանջում էր նրա արժանապաավությունը։ Միայն գեներալ Եպանչինը, որին հենց նոր վիրավորել էին այդպես անփափկանկատ ու ծիծաղելի ձևով նրան վերադարձնելով նվերը, իհարկե, հիմա կարող էր ավելի ևս վիրավորվել այդ բոլոր անսովոր տարօրինակություններից կամ, ասենք, Ռոգոժինի հայտնվելուց. առանց այդ էլ, նրա պես մարդու համար արդեն չափից ավելի մեծ զիջողություն էր, որ համաձայնել էր նստել Պտիցինի և Ֆերդիշչենկոյի կողքին, բայց այն, ինչ կարող էր անել կրքի ուժը, դա կարող էր ի վերջո հաղթահարվել պարտականության զգացումով, պարտքի, աստիճանի և իր նշանակության զգացողությամբ և առհասարակ դեպի ինքն ունեցած հարգանքով, այնպես որ Ռոգոժինն իր խմբով, համենայն դեպս նորին գերազանցության ներկայությամբ, անհնարին էր։
 +
 +
— Ախ, գեներալ,— իսկույն նրա խոսքը կտրեց Նասաասյա Ֆիլիպովնան, հենց որ գեներալը նրան դիմեց հայտարարությամբ,— մոռացե՜լ էի։ Բայց համոզված եղեք, որ ձեր մասին նախատեսել էի։ Եթե ձեզ համար այդքան վիրավորական է, ապա չեմ պնդում և ձեզ չեմ պահում, թեև շատ կցանկանայի հիմա հենց ձեզ տեսնել ինձ մոտ։ Համենայն դեպս շատ շնորհակալ եմ ձեզնից ծանոթության և ձեր շոյիչ ուշադրության համար, բայց եթե վախենում եք․․․
 +
 +
— Ներեցեք, Նաստասյա Ֆիլիպովնա,― բացականչեց գեներալը ասպետական մեծահոգության պոռթկումով,— այդ ո՞ւմ եք ասում։ Ես լոկ նվիրվածությունից կմնամ ձեզ մոտ, և եթե, օրինակ, որևէ վտանգ կա․․․ Բացի այդ, ճիշտն ասած, ես չափազանց հետաքրքրվում եմ։ Միայն ես այն էի ուզում ասել, որ նրանք գորգերը կփչացնեն և, ով գիտե, որևէ բան կկոտրեն... Եվ իմ կարծիքով բոլորովին պետք չէ թողնել նրանց, Նաստոասյա Ֆիլիպովնա։
 +
 +
— Ռոգոժինն ի՜նքը,— ազդարարեց Ֆերդիշչենկոն։
 +
 +
― Ի՞նչ եք կարծում, Աֆանասի Իվանովիչ,— շտապ կարողացավ շշնջալ գեներալը սրա ականջին,— հո չի՞ խելագարվել։ Այսինքն, առանց այլաբանության, այլ իսկական բժշկական տեսակետից, հը՞։
 +
 +
— Ես ձեզ ասել եմ, որ նա միշտ էլ հակված է եղել դրան,— խորամանկորեն շշնջաց Աֆանասի Իվանովիչն ի պատասխան։
 +
 +
— Դրան ավելացրեք, որ տենդում է...
 +
 +
Ռոգոժինի խումբը գրեթե հենց նույն կազմով էր, ինչ որ այն ժամանակ առավոտյան. ավելացել էր միայն մի թեթևաբարո ծերուկ, որը ժամանակին ինչ֊որ անառակ մերկացնող թերթուկի խմբագիրն էր եղել, և որի մասին անեկդոտ էր տարածված, թե նա գրավ է դրել և խմիչքի է տվել իր դնովի ոսկե ատամները, և մի պաշտոնաթող պոդպորուչիկ, արհեստով ու զբաղմունքով վճռական ախոյանն ու մրցակիցը առավոտվա բռունցքավոր պարոնի, որը ռոգոժինականներից բացարձակապես ոչ մեկի ծանոթը չէր, բայց իրենց հետ վերցրել էին փողոցից, Նևսկի պողոտայի արևկող կողմից, որտեղ նա կանգնեցնում էր անցորդներին և Մառլինսկու ոճով օգնություն էր խնդրում այն խորամանկ պատրվակով, որ նա ինքը «ժամանակին տասնհինգական ռուբլի էր տալիս խնդրողներին»։ Երկու մրցակիցն էլ անմիջապես թշնամաբար վերաբերվեցին միմյանց։ Առավոտվա բռունցքավոր պարոնը «խնդրարկուին» խմբի մեջ ընդունելուց հետո իրեն նույնիսկ վիրավորված համարեց և, բնականից լռակյաց լինելով, երբեմն միայն արջի պես մռնչում էր և խոր արհամարհանքով էր նայում, թե ինչպես է շողոքորթում ու նրա առաջ քծնում «խնդրարկուն», որը բարեկիրթ ու քաղաքագետ մարդ դուրս եկավ։ Արտաքուստ պոդպորուչիկը խոստանում էր «գործի մեջ» հաղթանակ տանել ավելի շատ ճարպկությամբ ու հնարագիտությամբ, քան թե ուժով, և հասակով էլ ավելի ցածր էր բռունցքավոր պարոնից։ Քաղաքավարի, բացահայտ վեճի չբռնվելով, բայց սաստիկ պարծենալով, նա արդեն մի քանի անգամ ակնարկել էր անգլիական բռնցքամարտի առավելությունները, մի խոսքով պարզվեց, որ զտարյուն արևմտական է։ Բռունցքավոր պարոնը «բռնցքամարտ» բառը լսելիս միայն արհամարհական ու վիրավորված ժպտում էր և, իր կողմից, մրցակցին չարժանացնելով բացահայտ բանավեճի, երբեմն լուռ, կարծես պատահաբար ցույց էր տալիս կամ, լավ է ասել, երբեմն ցուցադրաբար առաջ էր մղում մի բոլորովին ազգային բան՝ ջղուտ, հանգուցավոր, մի տեսակ շիկակարմիր աղվամազով պատած հսկայական բռունցքը, և բոլորի համար պարզ էր դառնում, որ եթե այդ խորապես ազգային բանը անվրեպ իջնի որևէ առարկայի վրա, ապա իրոք մենակ թաց տեղը կմնա։
 +
 +
Ինչպես և առավոտյան, դարձյալ նրանցից ոչ մեկը շատ «լուլ» չէր, շնորհիվ Ռոգոժինի ջանքերի, որն ամբողջ օրը նկատի ուներ իր այցելությունը Նաստասյա Ֆիլիպովնային։ Իսկ անձամբ ինքը արդեն գրեթե բոլորովին սթափվել էր, բայց փոխարենը քիչ էր մնացել, որ ցնդեր իր ամբողջ կյանքի այդ ամենաայլանդակ և ոչ մի բանի չնմանող օրվա բոլոր տպավորություններից։ Միայն մի բան էր շարունակաբար, ամեն րոպե և ամեն վայրկյան մնում նրա աչքի առաջ, հիշողության ու սրտի մեջ։ Այդ մի բանի համար էր նա անցկացրել ամբողջ ժամանակը, կեսօրվա ժամը հինգից ընդհուպ մինչև տասնմեկը, անհանգստությունը, թախիծն ու տագնապը սրտում, դեսուդեն ընկել Կինդերների ու Բիսկուպների հետ, որոնք նույնպես քիչ մնաց գժվեին, նրա կարիքը հոգալու համար խելագարի պես այս ու այն կողմ նետվելով։ Եվ, սակայն, համենայն դեպս, հարյուր հազարը գործածական փողով, որի մասին հարևանցի, ծաղրաբար և բոլորովին անորոշ ակնարկել էր Նաստասյա Ֆիլիպովնան, գոյացել էր, այնպիսի տոկոսներով, որոնց մասին նույնիսկ Բիսկուպն ինքը, ամաչելուց, Կինդերի հետ խոսում էր ոչ թե բարձրաձայն, այլ միայն շշուկով։
 +
 +
Ինչպես և առավոտյան, Ռոգոժինը քայլում էր բոլորի առջևից, մնացածները շարժվում էին նրա հետևից, թեպետև իրենց առավելությունների լիակատար գիտակցությամբ, բայց համենայն դեպս մի քիչ վախվխելով։ Գլխավորը, և աստված գիտի թե ինչու, նրանք վախենում էին Նաստասյա Ֆիլիպովնայից։ Նրանցից ոմանք նույնիսկ կարծում էին, որ իրենց բոլորին անմիջապես «ցած կքշեն սանդուղքից»։ Ի միջի այլոց, այդպես կարծողներից մեկն էլ պճնամոլ և սրտերը գերող Զալյոժովն էր։ Բայց մյուսները, և գերազանցապես բռունցքավոր պարոնը, թեև ոչ բարձրաձայն, բայց սրտի խորքում, Նաստասյա Ֆիլիպովնային վերաբերվում էին ամենախոր արհամարհանքով և նույնիսկ ատելությամբ և նրա մոտ գնում էին ինչպես պաշարման գնալիս։ Բայց առաջին երկու սենյակների հոյակապ կահավորանքը, նրանց համար չտեսնված ու չլսված իրերը, հազվագյուտ կահ֊կարասին, պատկերները, Վեներայի հսկայական արձանը, այդ բոլորը նրանց վրա հարգանքի և համարյա վախի անդիմադրելի տպավորություն գործեցին։ Դա չխանգարեց, իհարկե, որ նրանք բոլորը, չնայած վախին, կամաց֊կամաց և լրբենի հետաքրքրությամբ Ռողոժինի հետևից խցկվեցին հյուրասենյակ. բայց երբ բռունցթավոր պարոնը, «խնդրարկուն» և մի քանի ուրիշներ հյուրերի թվում տեսան գեներալ Եպանչինին, ապա առաջին պահին վստահությունն այնպես կորցրին, որ նույնիսկ սկսեցին քիչ-քիչ ետ նահանջել մյուս սենյակը։ Միայն Լեբեդևն էր առավել քաջալերվածների և համոզվածների թվում և քայլում էր գրեթե Ռոգոժինի կողքին, հասկանալով, թե ինչ է նշանակում մեկ միլիոն չորս հարյուր հազար զուտ դրամը և հարյուր հազարը այժմ, հենց հիմա, ձեռքի տակ։ Ի դեպ, պետք է ասել, որ նրանք բոլորը, չբացառած նույնիսկ քաջագիտակ Լեբեդևին, մի քիչ մոլորվում էին իրենց հզորության չափի ու սահմանի իմացության հարցում և այն հարցում, թե արդյոք հիրավի՞ հիմա իրենց ամեն ինչ թույլատրված է։ Որոշ վայրկյաններ Լեբեդևը պատրաստ էր երդվելու, որ ամեն ինչ, բայց այլ վայրկյանների՝ անհանգիստ անհրաժեշտություն էր զգում ամեն պարագայի համար մտքում վերհիշել օրենքների ժողովածուի մի քանի և գերազանցապես քաջալերիչ ու հանգստացուցիչ հոդվածները։
 +
 +
Ռոգոժինի վրա Նաստասյա Ֆիլիպովնայի հյուրասենյակը հակառակ տպավորություն գործեց, քան նրա բոլոր ուղեկիցների վրա։ Հենց որ վարագույրը բացվեց ու նա տեսավ Նաստասյա Ֆիլիպովնային, մնացած ամեն ինչ դադարեց նրա համար գոյություն ունենալուց, ինչպես և այն ժամանակ առավոտյան, նույնիսկ առավել հուժկու, քան այն ժամանակ առավոտյան։ Նա գույնը գցեց և մի ակնթարթ կանգ առավ. կարելի էր կռահել, որ նրա սիրտը սաստիկ բաբախում է։ Երկչոտ ու մոլորված, առանց աչքը կտրելու, մի քանի վայրկյան նա նայում էր Նաստասյա Ֆիլիպովնային։ Հանկարծ, կարծես ամբողջ խելքը կորցրած և գրեթե օրորվելով, նա մոտեցավ սեղանին, ճանապարհին նա դիպավ Պտիցինի աթոռին և իր կեղտոտ հսկա սապոգներով կոխեց լռակյաց գերմանուհի գեղեցկուհու հոյակապ երկնագույն ղգեստի ժանյակե բոլորազարդը. ներողություն չխնդրեց ու չնկատեց։ Սեղանին մոտենալով, դրա վրա դրեց մի տարօրինակ առարկա, որը երկու ձեռքով իր առջև բռնած մտել էր հյուրասենյակ։ Դա թղթի մի մեծ փաթեթ էր, մոտ երեք վերշոկ բարձրությամբ և մոտ չորս վերշոկ երկարությամբ, ամուր ու պինդ փաթաթած «Բիրժեվիե վեդոմոստի» լրագրի մեջ և բոլոր կողմերից երկու անգամ խաչաձև ու շատ ամուր կապկապած այնպիսի պարանով, որով կապկապում են շաքարի գլուխները։ Ապա առանց մի խոսք ասելու կանգնեց ու ձեռները ցած գցեց, կարծես սպասելով իր դատավճռին։ Նրա հագուստը բոլորովին նույնն էր, ինչ որ առավոտյան, բացի վզին գցած կարմրախառն վառ կանաչ, բոլորովին նոր մետաքսե շարֆից, բզեզ հիշեցնող մի հսկա ադամանդե քորոց վրան, և աջ ձեռքի կեղտոտ մատին դրած ադամանդե հոծ մատանուց։ Լեբեդևը կանգ առավ սեղանից մի երեք քայլ հեռու. մնացածները, ինչպես ասված էր, կամաց-կամաց հավաքվում էին հյուրասենյակում։ Նաստասյա Ֆիլիպովնայի աղախինները Կատյան ու Պաշան, նույնպես մոտ վազեցին, խորին զարմանքով ու վախով մտիկ տալու դռան վեր քաշած վարագույրի հետևից։
 +
 +
— Դա ի՞նչ է,— հարցրեց Նաստասյա Ֆիլիպովնան, ուշադիր ու հետաքրքրությամբ զննելով Ռոգոժինին և աչքերով ցույց տալով «առարկան»։
 +
 +
— Հարյուր հազար,— գրեթե շշուկով պատասխանեց նա։
 +
 +
— Հա՜, խոսքը կատարեց, ինչպիսի՜ն է։ Նստեցեք, խնդրեմ, ահա այստեղ, ահա այս աթոռին. ես ձեզ հետո որևէ բան կասեմ։ Ովքե՞ր են ձեզ հետ։ Այն ժամանակվա ամբողջ խո՞ւմբը։ Դե, թող ներս գան ու նստեն։ Ահա այնտեղ բազմոցին կարելի է, ահա մի բազմոց էլ․․․ Ահա այնտեղ երկու բազկաթոռ կա... այդ ինչ է, չե՞ն ուզում։
 +
 +
Իրոք, մի քանիսը վերջնականապես շփոթվեցին, նահանջեցին ու մյուս սենյակում նստեցին սպասելու, բայց ոմանք մնացին ու հրավերն ընդունելով նստեցին, բայց սեղանից հեռու, ավելի շատ անկյուններում, մի քանիսը դեռ ցանկանալով որոշ չափով աննկատելի մնալ, մյուսները գնալով ավելի ու ավելի և մի տեսակ անբնականորեն արագ քաջալերվելով։ Ռոգոժինը նույնպես նստեց իրեն ցույց տված աթոռին, բայց երկար չմնաց նստած. նա շուտով վեր կացավ ու այնուհետև այլևս չնստեց։ Կամաց֊կամաց նա սկսեց տարբերել ու դիտել հյուրերին։ Գանյային տեսնելով, նա թունալի ժպտաց ու ինքն իրեն շշնջաց. «Հլա տե՜ս»։ Գեներալին ու Աֆանասի Իվանովիչին նա նայեց առանց շփոթմունքի, նույնիսկ առանց առանձնահատուկ հետաքրքրության։ Բայց երբ Նաստասյա Ֆիլիպովնայի կողքին նկատեց իշխանին, ապա երկար ժամանակ չէր կարողանում աչքը կտրել նրանից, սաստիկ զարմացած և կարծես ի վիճակի չլինելով իրեն հաշիվ տալ այդ հանդիպման համար։ Կարելի էր կասկածել, որ որոշ րոպեներ նա իսկական զառանցանքի մեջ էր լինում։ Բացի այդ օրվա բոլոր ցնցումներից, նա ամբողջ անցյալ գիշերը վագոնում էր անցկացրել և գրեթե երկու օր ու գիշեր չէր քնել։
 +
 +
— Սա, պարոնայք, հարյուր հազար է,― ասաց Նաստասյա Ֆիլիպովնան՝ դիմելով բոլորին ինչ֊որ տենդագին֊անհամբեր մարտահրավերով,― ահա այս կեղտոտ փաթեթի մեջ։ Այն ժամանակ ահա սա խելագարի պես բղավեց, որ երեկոյան ինձ հարյուր հազար կբերի, և ես սպասում էի նրան։ Նա իմ գինն էր որոշում. սկսեց տասնութ հազարից, հետո հանկարծ թռավ քառասուն հազարի, իսկ հետո, ահա այս հարյուր հազարը։ Համենայն դեպս խոսքը պահեց։ Թու, ինչ գունատ է նա... Այդ ամենը առավոտյան Գանեչկայենց տանը տեղի ունեցավ. ես այցելության էի գնացել նրա մայրիկին, իմ ապագա ընտանիքը, իսկ այնտեղ նրա քույրը երեսս ի վեր բղավեց. «Մի՞թե այս անամոթին ոչ ոք չի վռնդի այստեղից, իսկ Գանեչկայի՝ եղբոր երեսին թքեց։ Հաստատակա՜մ աղջիկ է։
 +
 +
— Նաստասյա Ֆիլիպովնա,― կշտամբանքով արտասանեց գեներալը։
 +
 +
Նա սկսում էր մասամբ հասկանալ բանը յուրովի։
 +
 +
— Ի՞նչ է, գեներալ։ Չլինի՞ անվայելուչ է։ Հերիք է ձևեր թափել։ Որ ես ֆրանսիական թատրոնում, օթյակում, նստում էի ինչպես դստիկոնի անմատչելի առաքինություն և բոլորից, ովքեր հետևիցս էին ընկնում հինգ տարի, վայրենու պես խուսափում էի, և նայում էի որպես հպարտ անմեղություն, չէ՞ որ այդ ամբողջ հիմարությունը հոգիս հանել է։ Ահա, հենց ձեր աչքի առաջ, եկավ ու սեղանին դրեց հարյուր հազար, հինգ տարվա անմեղությունից հետո, և հավանաբար սրանց տրոյկաները այնտեղ կանգնած ինձ են սպասում։ Ինձ հարյուր հազա՜ր գնահատեցին։ Գանեչկա, տեսնում եմ. մինչև հիմա բարկացա՞ծ ես ինձ վրա։ Մի՞թե դու ուզում էիր ինձ քո ընտանիքը մտցնել։ Ի՛նձ՝ Ռոգոժինին պատկանողի՜ս։ Իշխանն ի՞նչ ասաց քիչ առաջ։
 +
 +
— Ես այն չասացի, թե դուք Ռոգոժինինն եք, դուք Ռոգոժինինը չե՛ք,— դողդոջուն ձայնով ասաց իշխանը։
 +
 +
— Նաստասյա Ֆիլիպովնա, հերիք է, սիրելիս, հերիք է, աղավնյակս,— չդիմացավ հանկարծ Դարյա Ալեքսեևնան,— թե որ նրանք քեզ այդքան ցավ պատկառեցին, էլ ի՞նչ ես նայում նրանց։ Եվ մի՞թե դրա պեսի հետ ուզում ես գնալ, թեկուզև հարյուր հազար լինի տվածը։ Ճիշտ է, հարյուր հազարը քիչ բան չի։ Դու էլ հարյուր հազարը վերցրու, իսկ նրան վռնդիր, ահա թե ինչպես պետք է վարվել նրանց հետ. է՜խ, քո տեղը լինեի, նրանց բոլորին․․․ Սա ի՞նչ բան է, իսկապե՜ս։
 +
 +
Դարյա Ալեքսեևնան նույնիսկ զայրացավ։ Նա բարի և շատ դյուրազգաց կին էր։
 +
 +
— Մի բարկանա, Դարյա Ալեքսեևնա,— քմծիծաղ տալով ասաց նրան Նաստասյա Ֆիլիպովնան,— ես նրան բարկանալով չասացի։ Նրան կշտամբեցի՞, ինչ է։ Ես իսկապես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս խելքիս փչեց այգդ հիմարությունը, որ ուզում էի ազնիվ ընտանիք մտնել։ Տեսա նրա մորը, ձեռքը համբուրեցի։ Իսկ որ այն ժամանակ ձեր տանը ծաղր էի անում, Գանեչկա, ապա դիտմամբ ուզում էի ինքս վերջին անգամ տեսնել, թե դու մինչև ուր կարող ես հասնել։ Բայց ա՜յ թե զարմացրիր ինձ, ճշմարիտ։ Շատ բան էի սպասում, բայց դա՝ ոչ։ Մի՞թե իսկապես դու կարող էիր ինձ առնել, իմանալով, որ ահա նա ինձ այսպիսի մարգարիտ է նվիրում, համարյա քո ամուսնության նախօրեին, իսկ ես վերցնում եմ։ Իսկ Ռոգոժի՞նը։ Ախր նա քո տանը, քո մոր ու քրոջ ներկայությամբ, ինձ գին էր կտրում, իսկ դու ահա դրանից հետո այնուամենայնիվ խնամախոսելու ես եկել, և քիչ էր մնում քրոջդ էլ հետդ բերեիր։ Մի՞թե Ռոգոժինը ճիշտ ասաց քո մասին, որ երեք ռուբլու համար մինչև Վասիլևսկի կղզին սողեսող կհասնես։
 +
 +
— Կհասնի,— հանկարծ ասաց Ռոգոժինը ցածրաձայն, բայց մեծագույն համոզվածությամբ։
 +
 +
— Եվ ո՛վ բան կասեր, եթե դու քաղցից մեռնելիս լինեիր, բայց չէ՞ որ, ասում են, դու լավ ռոճիկ ես ստանում։ Եվ ի լրումն ամենի, բացի խայտառակությունից, ատելի կի՜ն բերել տուն։ (Որովհետև չէ՞ որ դու ինձ ատում ես, ես գիտեմ այդ)։ Չէ՛, հիմա ես հավատում եմ, որ քեզ նմանը փողի համար մարդ կմորթի։ Ախր հիմա բոլորին այնպիսի ծարավ է համակել, փողն այնպիսի ցավ է դարձել նրանց համար, որ կարծես խելքները թռցրել են։ Ինքը երեխա է, բայց քիթը խոթում է վաշխառության մեջ։ Կարող է և ածելու վրա մետաքս փաթաթել, ամրացնել և հետևից կամացուկ մորթել բարեկամին ոչխարի պես, ինչպես կարդացել եմ նորերս։ Համա՜ թե անամոթն ես։ Ես անամոթն եմ, իսկ դու դրանից էլ վատթարն ես։ Ես այն ծաղկեփնջավորի մասին չեմ էլ խոսում․․․
 +
 +
— Մի՞թե, մի՞թե այդ դուք եք, Նաստասյա Ֆիլիպովնա,― իսկական ցավով ձեռներն իրար խփեց գեներալը,— դուք, որ այնքան քաղաքավարի եք, այնքան նուրբ մտքերով, և ահա։ Ինչպիսի՜ լեզու։ Ինչպիսի ոճ։
 +
 +
— Ես հիմա գինով եմ, գեներալ,― ծիծաղեց հանկարծ Նաստասյա Ֆիլիպովնան,― ես ուզում եմ քեֆ անել։ Այսօր իմ օրն է, իմ տոն օրը, իմ նահանջ օրը, ես վաղուց էի դրան սպասում։ Դարյա Ալեքսեևնա, տեսնում ես ահա այղ ծաղկեփնջավորին, ահա այդ monsieur aux camélias<ref>Կամելիազարդ պարոնին (ֆրանս․)։
 +
</ref>, ահա նա նստել ու ծիծաղում է մեզ վրա...
 +
 +
— Ես չեմ ծիծաղում, Նաստասյա Ֆիլիպովնա, ես միայն մեծագույն ուշաղրությամբ լսում եմ,― արժանապատվությամբ հարվածը ետ մղեց Տոցկին։
 +
 +
— Ահա, ինչո՞ւ էի ամբողջ հինգ տարի նրան տանջում և մոտիցս բաց չէի թողնում։ Մի՞թե արժանի է դրան։ Նա ուղղակի այնպիսին է, ինչպիսին պետք է լինի... Մեկ էլ տեսար ինձ մեղավոր կհամարի իր առաջ. չէ՞ որ դաստիարակություն է տվել, կոմսուհու պես է պահել, իսկ փո՜ղ, փո՜ղ ինչքան է ծախսել, դեռ այնտեղ ինձ համար ազնիվ ամուսին փնտրեց֊գտավ, իսկ այստեղ Գանեչկային. և ի՞նչ ես կարծում, այս հինգ տարին ես նրա հետ չէի ապրում, իսկ փող վերցնում էի նրանից և կարծում էի, որ իրավացի՜ եմ։ Ախր բոլորովին մոլորվել էի։ Ահա դու ասում ես՝ հարյուր հազարը վերցրու և վռնդիր, եթե նողկում ես։ Ճիշտ է, որ նողկալի է... Ես վաղուց կարող էի և ամուսնանալ, այն էլ ոչ թե Գանեչկայի հետ, բայց ախր էլի շատ զզվելի է։ Եվ հանուն ինչի՞ կորցրի իմ հինգ տարին, սրտումս այդ քենը պահած։ Բայց կհավատա՞ս թե ոչ, մի չորս տարի սրանից առաջ երբեմն մտածում էի, իսկապես չամուսնանա՞մ իմ Աֆանասի Իվանովիչի հետ։ Ես այն ժամանակ զայրույթից էի այդպես մտածում. ինչ ասես, որ այն ժամանակ մտքովս չէր անցնում, բայց ախր իսկապես կհարկադրեի։ Ինքն էր հետամուտ դրան, հավատո՞ւմ ես, թե ոչ։ Ճիշտ է, սուտ էր ասում, բայց ախր շատ ագահն է, դիմանալ չի կարող։ Բայց հետո, փառք աստծու, մտածեցի՝ արժանի՜ է նա այդպիսի զայրույթի։ Եվ այն ժամանակ հանկարծ այնպես զզվանք զգացի դեպի նա, որ եթե ինքն էլ խնամախոսեր, մարդու չէի գնա նրան։ Եվ ամբողջ հինգ տարի ես այդպես ֆորս էի անում։ Չէ՛, ավելի լավ է փողոց գնամ, որը հենց իմ տեղն է։ Կամ Ռոգոժինի հետ ինձ քեֆի տամ, կամ վաղն ևեթ լվացարարուհի դառնամ։ Ախր նրա համար, որ ինձ վրա ոչ մի սեփական բան չկա. կգնամ, ամեն ինչ նրան կնետեմ, վերջին լաթը կթողնեմ, իսկ առանց այդ ամենի ինձ ո՞վ կառնի, հարցրու ահա Գանյային, կառնի՞։ Նույնիսկ Ֆերդիշչենկոն չի առնի...
 +
 +
— Ֆերդիշչենկոն գուցե չի առնի, Նաստասյա Ֆիլիպովնա, ես անկեղծ մարդ եմ,— ընգհատեց Ֆերդիշչենկոն,— բայց իշխանը կառնի։ Դուք ահա նստել գանգատվում եք, բայց հալա մի իշխանին նայեցեք։ Ես վաղուց արդեն հետևում եմ․․․
 +
 +
Նաստասյա Ֆիլիպովնան հետաքրքրությամբ շրջվեց իշխանի կողմը։
 +
 +
― Ճի՞շտ,— հարցրեց նա։
 +
 +
— Ճիշտ,— շշնջաց իշխանը։
 +
 +
— Կառնեք, ինչպես որ կա՞մ, առանց ոչնչի՞։
 +
 +
— Կառնեմ, Նաստասյա Ֆիլիպովնա...
 +
 +
— Ահա և նոր անեկդոտ,— մրթմրթաց գեներալը։— Սպասել կարելի էր։
 +
 +
Իշխանը վշտաբեկ, խիստ և խորաթափանց հայացքով նայում էր Նաստասյա Ֆիլիպովնայի դեմքին, որը շարունակում էր զննել նրան։
 +
 +
— Ահա մե՜կն էլ ճարվեց,― ասաց նա հանկարծ, դարձյալ դիմելով Դարյա Ալեքսեևնային,— բայց ախր իսկապես էլ սրտի բարությունից, ես նրան գիտեմ։ Բարերա՜ր գտա։ Ասենք, գուցե ճիշտ են ասում նրա մասին, որ նա... ''էնիք է''։ Բայց ինչո՞վ պիտի ապրես, եթե այդպես սիրահարված ես, որ Ռոգոժինինը առնում ես քեզ՝ իշխանիդ․․․
 +
 +
— Ես ձեզ՝ ազնիվ կնոջն եմ առնում, Նաստասյա Ֆիլիպովնա, և ոչ թե Ռոգոժինինը,— ասաց իշխանը։
 +
 +
— Այդ ե՞ս եմ ազնիվը։
 +
 +
— Դուք։
 +
 +
— Դե, դա արդեն... վեպերից է։ Դա, իշխան, աղավնյակս, հին ցնդաբանություն է, իսկ հիմա աշխարհը խելոքացել է և բոլորը դատարկ բաներ են։ Եվ քո ի՜նչ բանն է ամուսնանալը, դու ինքդ դեռ դայակի կարիք ունես։
 +
 +
Իշխանը վեր կացավ ու դողդոջուն, երկչոտ ձայնով, բայց միաժամանակ խորապես համոզված մարդու տեսքով ասաց․
 +
 +
— Ես ոչինչ չգիտեմ, Նաստասյա Ֆիլիպովնա, ես ոչինչ չեմ տեսել, դուք իրավացի եք, բայց ես... Ես կհամարեմ, որ դուք ինձ և ոչ թե ես ձեզ պատիվ կանեմ։ Ես ոչինչ եմ, իսկ դուք տառապել եք և այդպիսի դժոխքից մաքուր եք դուրս եկել, իսկ դա շատ բան է։ Ինչո՞ւ եք ամաչում և ուզում եք Ռոգոժինի հետ գնալ։ Դա տենդ է... Դուք պարոն Տոցկուն յոթանասունհինգ հազարը վերադարձրիք և ասում եք, այն ամենը, ինչ այստեղ կա, բոլորը կթողնեք, այստեղ ոչ ոք այդ բանը չի անի։ Ես ձեզ... Նաստասյա Ֆիլիպովնա... սիրում եմ։ Ես կմեռնեմ ձեզ համար, Նաստասյա Ֆիլիպովնա։ Ես ոչ ոքի թույլ չեմ տա, որ ձեր մասին մի խոսք ասի, Նաստասյա Ֆիլիպովնա... Եթե մենք աղքատ լինենք, ես կաշխատեմ, Նաստասյա Ֆիլիպովնա...
 +
 +
Վերջին խոսքերի վրա լսվեց, թե ինչպես քթի տակ ծիծաղեցին Ֆերդիշչենկոն, Լեբեդևը և նույնիսկ գեներալը ինքն իրեն մի տեսակ կռնչաց մեծ անախորժությամբ։ Պտիցինը և Տոցկին չէին կարող չժպտալ, բայց զսպեցին իրենց։ Մնացածները ուղղակի բերանները բացին զարմանքից։
 +
 +
— ...Բայց մենք գուցե աղքատ չենք լինի, այլ շատ հարուստ կլինենք, Նաստասյա Ֆիլիպովնա,— շարունակում էր իշխանը նույն երկչոտ ձայնով։— Ասենք, ես հաստատ չգիտեմ, և ափսոս, որ դեռ մինչև հիմա ոչինչ չկարողացա իմանալ ամբողջ օրը, բայց Շվեյցարիայում նամակ ստացա Մոսկվայից, Սալազկին ազգանունով մի պարոնից, և նա ինձ տեղեկացնում է, որ իբր թե ես կարող եմ շատ մեծ ժառանգություն ստանալ։ Ահա այդ նամակը...
 +
 +
Իշխանն իրոք գրպանից հանեց նամակը։
 +
 +
— Հո չի՞ զառանցում նա,— մրթմրթաց գեներալը,— իսկական խելագարանոց։
 +
 +
Մի վայրկյան որոշ լռություն տիրեց։
 +
 +
— Դուք կարծեմ ասացիք, իշխան, որ նամակն ստացել եք Սալազկինի՞ց,— հարցրեց Պտիցինը,― դա իր շրջանակում շատ հայտնի մարդ է, դա շատ հայտնի բանագնաց է, և եթե իրոք նա է ձեզ տեղեկացնում, ապա լիովին կարող եք հավատալ։ Բարեբախտաբար ես ձեռագիրը ճանաչում եմ, որովհետև նորերս գործ եմ ունեցել... Եթե տայիք ինձ աչք ածելու, թերևս, կարողանայի ձեզ որևէ բան ասել։
 +
 +
Իշխանը լուռ, դողդոջուն ձեռքով պարզեց նամակը։
 +
 +
— Ի՞նչ բան է, այդ ի՞նչ բան է,― սթափվեց գեներալը, բոլորի վրա նայելով գժի պես,— մի՞թե ժառանգություն է։
 +
 +
Բոլորր հայացքներն ուղղեցին Պտիցինին, որ կարդում էր նամակը։ Ընդհանուր հետաքրքրությունը նոր և արտակարգ մղում ստացավ։ Ֆերդիշչենկոն չէր կարող տեղում նստել, Ռոգոժինը նայում էր տարակուսած ու սարսափելի անհանգստությամբ հայացքը գցում էր մեկ իշխանին, մեկ Պտիցինին։ Դարյա Ալեքսեևնան սպասումից կարծես ասեղների վրա լիներ նստած։ Նույնիսկ Լեբեդևը չհամբերեց, դուրս եկավ իր անկյունից և, սաստիկ կռանալով, սկսեց նամակին նայել Պտիցինի ուսի վրայով, այնպիսի մարդու տեսքով, որ վախենում է, թե հիմա դրա համար իրեն ծեծ կտան։
 +
 +
=== XVI ===
 +
 +
— Հաստատ բան է,― վերջապես հայտարարեց Պտիցինը, նամակը ծալելով ու հանձնելով իշխանին,— առանց մի գլխացավանքի ձեր մորաքրոջ անվիճելի կտակով դուք ստանում եք չափազանց մեծ կապիտալ։
 +
 +
— Չի՛ կարող պատահել,— բացականչեց գեներալը, ասես կրակեց։
 +
 +
Բոլորը նորից բերանները բացեցին։
 +
 +
Պտիցինը բացատրեց, դիմելով գերազանցապես Իվան Ֆյոգորովիչին, որ հինգ ամիս առաջ մեռել է իշխանի մորաքույրը, որին իշխանն անձամբ երբեք չի ճանաչել, իշխանի մոր հարազատ և ավագ քույրը, դուստրը Մոսկվայի երրորդ գիլդիայի վաճառական Պապուշինի, որը մեռել էր աղքատության մեջ ու սնանկացած։ Բայց այդ Պապուշինի հարազատ ավագ եղբայրը, որը նույնպես մեռել է նորերս, հայտնի հարուստ վաճառական էր։ Մոտ մի տարի առաջ գրեթե նույն ամսում, մեռնում են նրա միակ երկու որդին։ Դա նրա համար այնպիսի հարված է եղել, որ շատ չանցած ծերունին ինքն էլ հիվանդանում ու մեռնում է։ Նա որբևայրի էր, բոլորովին ոչ մի ժառանգ չուներ, բացի իշխանի մորաքրոջից, Պապուշինի հարազատ եղբոր աղջկանից, որը չափազանց աղքատ կին էր և ապրում էր ուրիշի տանը։ Ժառանգությունն ստանալու ժամանակ այդ մորաքույրը արդեն համարյա մեռնում էր ջրգողությունից, բայց անմիջապես սկսել է որոնել իշխանին, այդ գործը հանձնարարելով Սալազկինին և հասցրել է կտակ գրել։ Ըստ երևույթին ոչ իշխանը, ոչ բժիշկը, որի մոտ նա ապրում էր Շվեյցարիայում, չեն ցանկացել տեղեկանքնեը պահանջել կամ սպասել պաշտոնական ծանուցումների, իսկ իշխանը Սալազկինի նամակը գրպանում, որոշել է ինքը ճամփա ընկնել...
 +
 +
— Միայն մի բան կարող եմ ասել ձեզ,— եզրափակեց Պտիցինը, դիմելով իշխանին,— որ այս ամենը պետք է որ լինի անվիճելի ու ճիշտ, և այն ամենը, ինչ գրում, է ձեզ Սալազկինը ձեր գործի անվիճելիության և օրինականության մասին, կարող եք ընդունել որպես զուտ դրամ ձեր գրպանում։ Շնորհավորում եմ ձեզ, իշխան։ Գուցե նույնպես մոտ միլիոն ու կես կստանաք, գուցե և ավելի։ Պապուշինը շատ հարուստ վաճառական էր։
 +
 +
— Այ քեզ ցեղի վերջին շառավիղ իշխան Մի՜շկին,— գոչեց Ֆերդիշչենկոն։
 +
 +
— Ուռա՜,— հարբած ձայնով խռխռացրեց Լեբեդևը։
 +
 +
— Իսկ ես այն ժամանակ քսանհինգ ռուբլի պարտք տվի, խղճուկին, հա՜֊հա՜-հա՜, անհեթեթություն և ուրիշ ոչինչ,— զարմանքից համարյա շշկլված, ասաց գեներալը,— դե՛, շնորհավորում եմ, շնորհավորում եմ,— և, տեղից վեր կենալով, մոտեցավ իշխանին գրկելու։ Նրա հետևից վեր կացան նաև մյուսները և նույնպես շարժվեցին դեպի իշխանը։ Նույնիսկ վարագույրի հետև նահանջածներն սկսեցին հայտնվել հյուրասենյակում։ Սկսվեց անորոշ խոսակցություն, բացականչություններ, նույնիսկ հնչեցին շամպայն պահանջող ձայներ, ամեն ինչ խառնվեց, իրար անցավ։ Մի վայրկյան գրեթե մոռացան Նաստասյա Ֆիլիպովնային և այն, որ, այնուամենայնիվ, սա իր երեկույթի տիրուհին է։ Բայց կամաց-կամաց բոլորը համարյա միաժամանակ պատկերացրին այն միտքը, որ իշխանը հենց նոր նրան առաջարկություն արավ։ Նշանակում է, գործը ներկայանում էր եռակի առավել ցնորամիտ ու անսովոր, քան առաջ։ Խորապես զարմացած՝ Տոցկին ուսերն էր թոթվում։ Համարյա հենց միայն նա էր նստած, մնացած ողջ ամբոխը անկանոն խռնվել էր սեղանի շուրջը։ Բոլորը հետո պնդում էին, որ Նաստասյա Ֆիլիպովնան խելագարվեց հենց այդ ակնթարթից։ Նա շարունակում էր նստած մնալ և որոշ ժամանակ դիտում էր բոլորին մի տեսակ տարօրինակ, զարմացած հայացքով, կարծես բան չհասկանալով և ճգնելով ըմբռնել։ Հետո նա հանկարծ դարձավ իշխանին և, սպառնագին խոժոռելով հոնքերը, ուշադիր դիտում էր նրան, բայց դա մի վայրկյան էր, գուցե նրան հանկարծ թվաց, որ այդ բոլորը կատակ է, ծաղր, բայց իշխանի տեսքը միանգամից փոխեց նրա կարծիքը։ Նա մտասուզվեց, հետո կրկին ժպտաց, կարծես պարզ չգիտակցելով, թե ինչու...
 +
 +
— Նշանակում է, իսկապես իշխանուհի եմ,— ինքն իրեն շշնջաց նա կարծես ծաղրաբար և, պաաահմամբ նայելով Դարյա Ալեքսեևնային, ծիծաղեց։— Անսպասելի լուծում... Ես... այսպես չէի սպասում... Դե, ի՞նչ եք կանգնել, պարոնայք, շնորհ արեք, նստեցեք, շնորհավորեցեք ինձ իշխանի համար։ Ինչ֊որ մեկը, կարծեմ, շամպայն էր խնդրում․ Ֆերգիշչենկո, գնացեք, հրամայեցեք։ Կատյա, Պաշա,— հանկարծ դռան մեջ տեսավ նա իր սպասուհիներին,— եկեք այստեղ, ես ամուսնանում եմ, լսեցի՞ք։ Իշխանի հետ, նա մեկ ու կես միլիոն ունի, նա իշխան Միշկինն է և ինձ առնում է։
 +
 +
— Եվ աստծով, սիրելիս, ժամանակն է։ Կարիք չկա բաց թողնելու,— բղավեց Դարյա Ալեքսեևնան, տեղի ունեցածից խորապես ցնցված։
 +
 +
― Դե եկ կողքս նստիր, իշխան,― շարունակեց Նաստասյա Ֆիլիպովնան,― ահա այսպես, ահա և գինի են բերում, դե, շնորհավորեցեք, պարոնայք։
 +
 +
— Ուռա՜,— Բղավեցին բազմաթիվ ձայներ։ Շատերը խռնվեցին գինու շուրջը, նույն թվում էին գրեթե բոլոր ռոգոժինականները։ Ու թեև նրանք բղավում էին ու պատրաստ էին բղավել, բայց և այնպես, չնայած հանգամանքների և իրադրության ամբողջ տարօրինակությանը, նրանցից շատերն զգացին, որ դեկորացիան փոխվում է։ Մյուսները շփոթված էին և սպասում էին թերահավատությամբ։ Իսկ շատերն էլ իրար ականջի շշնջում էին, որ ախր սա ամենասովորական բան է, որ ո՞ւմ հետ ասես չեն ամուսնանում իշխանները, նույնիսկ գնչուհիների են առնում թափառախմբերից։ Ռոգոժինն ինքը կանգնել ու նայում էր դեմքը ծամածռած, անշարժ, տարակուսած ժպիտով։
 +
 +
— Իշխան, աղավնյակս, ուշքի՜ եկ,— սարսափած շշնջաց գեներալը՝ կողքից մոտենալով ու ձիգ տալով նրա թևքը։
 +
 +
Նաստասյա Ֆիլիպովնան նկատեց ու քրքջաց։
 +
 +
— Չէ, գեներալ, հիմա ես ինքս էլ իշխանուհի եմ, լսեցի՞ք, իշխանը թույլ չի տա, որ ինձ վիրավորեն։ Աֆանասի Իվանովիչ, դո՛ւք շնորհավորեցեք ինձ. հիմա ամեն տեղ ես ձեր կնոջ կողքին կնստեմ. ի՞նչ եք կարծում, ձեռնտո՞ւ է այսպիսի ամուսին ունենալը։ Մեկ ու կես միլիոն, դրան ավելացրած և այն, որ իշխան է, և այն, որ ասում են, հետն էլ ապուշ է, դրանից լավ ի՞նչ կարող է լինել։ Հենց հիմա կսկսվի իսկական կյանքը։ Ուշացա՜ր, Ռոգոժին։ Կորցրո՛ւ քո փաթեթը, ես իշխանին եմ մարդու գնում և ինքս քեզնից հարուստ եմ։
 +
 +
Բայց Ռոգոժինը հասկացավ, թե բանն ինչ է։ Անասելի տառապանք դրոշմվեց նրա դեմքին։ Նա ձեռներն իրար խփեց ու մի հառաչ դուրս թռավ նրա կրծքից։
 +
 +
— Ե՛տ կանգնիր,— բղավեց նա իշխանին։
 +
 +
Չորս կողմը ծիծաղեցին։
 +
 +
— Այդ քե՞զ համար ետ կանգնի,— հաղթականորեն վրա բերեց Դարյա Ալեքսեևնան,― մի տեսե՜ք, փողը թափել է սեղանին, գռեհի՜կ։ Իշխանը նրան կնության է առնում, իսկ դու եկել ես ստահակություն անելու։
 +
 +
— Ես էլ եմ առնո՜ւմ։ Հիմա եմ առնում, այս րոպեի՜ս։ Ամեն ինչ կտամ...
 +
 +
— Մի տեսե՜ք, գինետան հարբած, քեզ վռնդել է պետք,― զայրացած կրկնեց Դարյա Ալեքսեևնան։
 +
 +
Ծիծաղն ավելի սաստկացավ։
 +
 +
— Լսո՞ւմ ես, իշխան,― դիմեց նրան Նաստասյա Ֆիլիպովնան,— ահա թե ինչպես է այդ մուժիկը քո հարսնացուին սակարկում։
 +
 +
— Նա հարբած է,— ասաց իշխանը։— Նա ձեզ շատ է սիրում։
 +
 +
— Իսկ հետո չե՞ս ամաչի, որ քո հարսնացուն քիչ մնաց Ռոգոժինի հետ գնար։
 +
 +
— Այդ նրանից է, որ դուք տենդի մեջ էիք, դուք հիմա էլ եք տենդի մեջ, կարծես զառանցելիս լինեք։
 +
 +
— Եվ չե՞ս ամաչի, երբ հետո քեզ ասեն, որ քո կինը Տոցկու սիրուհին է եղել։
 +
 +
— Ոչ, չեմ ամաչի... Դուք ձեր կամքով չեք եղել Տոցկու մոտ։
 +
 +
— Եվ երբե՞ք չես կշտամբի։
 +
 +
— Չեմ կշտամբի։
 +
 +
— Է՜, տես, ամբողջ կյանքի համար մի երաշխավորի։
 +
 +
— Նաստասյա Ֆիլիպովնա,— ասաց իշխանը կամացուկ և կարծես կարեկցաբար,— ես քիչ առաջ ձեզ ասացի, որ իբրև պատիվ կընդունեմ ձեր համաձայնությունը և որ դուք եք ինձ պատիվ անում, ոչ թե ես ձեզ։ Դուք այդ բառերի վրա քմծիծաղ տվիք, և շուրջը, ես լսեցի, նույնպես ծիծաղեցին։ Կարող է պատահել ես շատ ծիծաղելի արտահայտվեցի և ինքս էլ ծիծաղելի էի, բայց շարունակ ինձ թվում էր, որ ես... հասկանում եմ, թե ինչումն է պատիվը և համոզված եմ, որ ճշմարտությունն ասացի։ Դուք հիմա ուզում էիք անդառնալիորեն կործանել ձեզ, որովհետև երբեք հետո ձեզ չէիք ների դրա համար. իսկ դուք ոչ մի բանում մեղավոր չեք։ Չի կարող պատահել, որ ձեր կյանքն արդեն ամբողջովին կործանված է։ Ի՞նչ անենք, որ ձեզ մոտ է եկել Ռոգոժինը, իսկ Գավրիլա Արդալիոնովիչն ուզում էր ձեզ խաբել։ Ինչո՞ւ եք անընդհատ հիշատակում դա։ Այն, ինչ արեցիք դուք, դրան քչերն են ընդունակ, այդ կրկնում եմ ձեզ, իսկ որ ուզում էիք Ռոգոժինի հետ գնալ, ապա դա հիվանդագին նոպայի վիճակում որոշեցիք։ Դուք հիմա էլ նոպայի մեջ եք, և ավելի լավ է՝ անկողին մտնեք։ Դուք վաղն իսկ լվացարարուհի կդառնայիք, բայց չէիք մնա Ռոգոժինի հետ։ Դուք հպարտ եք, Նաստասյա Ֆիլիպովնա, բայց թերևս արդեն այնքան դժբախտ եք, որ իրոք ձեզ մեղավոր եք համարում։ Ձեզ շատ խնամք է հարկավոր, Նաստասյա Ֆիլիպովնա։ Ես կխնամեմ ձեզ։ Երբ այն ժամանակ ձեր պատկերը տեսա, կարծես մի ծանոթ դեմք ճանաչեցի։ Ինձ անմիջապես թվաց, թե կարծես դուք արդեն կանչում էիք ինձ... Ես... ես ամբողջ կյանքումս կհարգեմ ձեզ, Նաստասյա Ֆիլիպովնա,― եզրափակեց հանկարծ իշխանը, կարծես հանկարծ ուշքի գալով, շիկնելով ու գլխի ընկնելով, թե ինչ մարդկանց առաջ է ասում դա։
 +
 +
Պտիցինը ողջախոհությունից նույնիսկ գլուխը կախել էր և գետնին էր նայում։ Տոցկին ինքն իր մեջ մտածեց. «Ապուշ է, բայց գիտե, որ շողոքորթությամբ ամենից լավ կնվաճի, նատո՜ւրա է»։ Իշխանը նկատեց նաև Գանյայի՝ անկյունից շողացող հայացքը, որով նա կարծես ուզում էր մոխրացնել իշխանին։
 +
 +
— Ա՜յ թե բարի մարդ է,— բացականչեց Դարյա Ալեքսեևնան խանդաղատված։
 +
 +
— Կրթված մարդ է, բայց կորած է,― կիսաձայն շշնջաց գեներալը։
 +
 +
Տոցկին գլխարկը վերցրեց ու պատրաստվեց վեր կենալ, որպեսզի կամացուկ ծլկի։ Նա և գեներալը իրար երես նայեցին, որպեսզի միասին դուրս գան։
 +
 +
— Շնորհակալություն, իշխան, մինչև հիմա ոչ ոք ինձ հետ այդպես չէր խոսել,— ասաց Նաստասյա Ֆիլիպովնան,— ինձ բոլորը սակարկում էին, բայց օրինավոր մարդկանցից ոչ մեկը դեռ չէր խնամախոսել։ Լսեցի՞ք, Աֆանասի Իվանովիչ։ Ձեզ ինչպե՞ս կթվա այն ամենը, ինչ ասում էր իշխանը։ Չէ՞ որ գրեթե անվայելուչ է... Ռոգոժին։ Դու դեռ մի գնա։ Ասենք, դու չես էլ գնա, տեսնում եմ։ Գուցե դեռ կգամ քեզ հետ։ Դու ո՞ւր էիր ուզում տանել։
 +
 +
— Եկատերինհոֆ,— զեկուցեց անկյունից Լեբեդևը, իսկ Ռոգոժինը միայն ցնցվեց և աչքերը լայն բացած նայում էր, կարծես ինքն իրեն չհավատալով։ Նա բոլորովին բթացել էր, կարծես գլխին սարսափելի հարված էին իջեցրել։
 +
 +
― Ի՜նչ ես ասում, ի՜նչ ես ասում, սիրելիս։ Ճիշտ որ նոպաներ են գալիս վրադ. խելագարվե՞լ ես, ինչ է,— հարձակվեց վախեցած Դարյա Ալեքսեևնան։
 +
 +
— Իսկ դու կարծում էիր ճի՞շտ եմ ասում,— հռհռալով բազմոցից վեր թռավ Նաստասյա Ֆիլիպովնան,— այսպիսի մանկանը կործանե՞մ։ Ախր դա Աֆանասի Իվանովիչին է սազական, այդ նա է սիրում մանուկներին։ Գնա՛նք, Ռոգոժին։ Պատրաստիր կապոցդ։ Ոչինչ, որ ամուսնանալ ես ուզում, բայց փողերը, համենայն դեպս, տուր։ Դեռ կարոդ է պատահել, որ մարդու չեմ գնա քեզ։ Կարծում ես, որ եթե ուզում էիր ամուսնանալ, կապոցդ քե՞զ կմնա։ Սխալվո՜ւմ ես։ Ես ինքս եմ անամո՜թ։ Ես Տոցկու հարճն եմ եղել... Իշխան, հիմա քեզ հարկավոր է Ագլայա Եպանչինան, և ոչ թե Նաստասյա Ֆիլիպովնան, թե չէ՝ ինչ, Ֆերդիշչենկոն մատով ցույց կտա։ Դու չես վախենում, բայց ես կվախենամ, որ քեզ կործանեցի և որ հետո կկշտամբես։ Իսկ որ հայտարարում ես, թե քեզ պատիվ կանեմ, ապա դրա մասին Տոցկին լավ գիտի։ Իսկ Ագլայա Եպանչինային դու, Գանեչկա, ձեռքից փախցրիր. այդ գիտեի՞ր։ Եթե նրա հետ չսակարկեիր, նա անպայման կամուսնանար քեզ հետ։ Ահա այդպես եք բոլորդ. մեկ է՝ պատվազուրկ թե պատվավոր կանանց հետ հարաբերություն պահպանեք։ Թե չէ անպայման կխճճվես․․․ Մի տես, գեներալն ինչպես է նայում, բերանը բացել է...
 +
 +
— Սա Սոգո՜մ է, Սոդո՜մ,— կրկնում էր գեներալը, ուսերը վեր քաշելով։ Նա էլ վեր կացավ բազմոցից, նորից բոլորը ոտքի վրա էին։ Նաստասյա Ֆիլիսյովնան կարծես մոլուցքի մեջ էր։
 +
 +
— Մի՞թե,— հառաչեց իշխանը, ձեռները կոտրատելով։
 +
 +
— Իսկ դու կարծում էիր՝ ո՞չ։ Ես, կարող է պատահել, ինքս էլ հպարտ եմ, փույթ չէ, որ անամոթ եմ։ Քիչ առաջ դու ինձ կատարելություն անվանեցիր։ Լա՜վ կատարելություն է, որ լոկ պարծենկոտությունից, թե միլիոնը և իշխանությունը ոտնակոխ արավ, հետնախորշերն է գնում։ Դե, դրանից հետո ես քեզ ի՞նչ կին։ Աֆանասի Իվանովիչ, բայց չէ՞ որ իսկապես միլիոնը պատուհանից դուրս շպրտեցի։ Էլ ինչպե՞ս էիք կարծում, թե ես երջանկություն կհամարեմ Գանեչկային մարդու գնալ, այն էլ ձեր յոթանասունհինգ հազարով։ Յոթանասունհինգ հազարը քե՛զ վերցրու, Աֆանասի Իվանովիչ (հարյուր հազարի՜ էլ չհասար, Ռոգոժինը քեզ գերազանցեց), իսկ Գանեչկային ես ինքս կմխիթարեմ, գլխովս մի միտք անցավ։ Իսկ հիմա ուզում եմ քեֆ անել, չէ՞ որ ես փողոցային եմ։ Տասը տարի բանտում եմ նստել, հիմա իմ երջանկության օրն է։ Ի՛նչ ես կանգնել, Ռոդոժին։ Պատրաստվիր, գնում ենք։
 +
 +
— Գնո՜ւմ ենք,— որոտաց Ռոգոժինը, ուրախությունից գրեթե խենթացած,— էյ դուք... բոլորդ... գինի՜։ Ո՜ւխ...
 +
 +
— Գինու պաշար տես, ես խմելու եմ։ Իսկ երաժշտություն կլինի՞։
 +
 +
— Կլինի, կլինի՜։ Չմոտենա՜ս,— դոչեց Ռոգոժինը մոլեգնած, տեսնելով, որ Դարյա Ալեքսեևնան մոտենում է Նաստասյա Ֆիլիպովնային։— Ի՜մն է։ Ամե՛ն ինչ իմն է։ Թագուհի՜։ Վե՜րջ։
 +
 +
Նա ուրախությունից շնչահեղձ էր լինում, նա պտտվում էր Նաստասյա Ֆիլիպովնայի շուրջը և բոլորի վրա բղավում. «Չմոտենա՜ս»։ Ամբողջ խումբը արդեն խցկվել էր հյուրասենյակ։ Ոմանք խմում էին, մյուսները բղավում ու հռհոում, բոլորը ամենահուզված և ամենաանսանձ տրամադրության մեջ էին։ Ֆերդիշչենկոն սկսել էր փորձել ընկերանալ նրանց։ Գեներալը և Տոցկին դարձյալ շարժում արին որքան կարելի է շուտ չքվելու։ Գանյան էլ գլխարկը ձեռքին էր, բայց նա կանգնած էր լուռ և դեռ չէր կարող կտրվել իր առաջ զարգացող պատկերից։
 +
 +
— Չմոտենա՜ս,— բղավում էր Ռոգոժինը։
 +
 +
— Ի՞նչ ես գոռում,— նրա վրա քրքջում էր Նաստասյա Ֆիլիպովնան,— ես իմ տանը դեռ տիրուհի եմ. ուզենամ, դեռ վզակոթիդ տալով դուրս կանեմ։ Ես դեռ քեզնից փողերդ չեմ վերցրել, ահա տեղում են. տուր այստեղ, ամբողջ փաթեթը։ Այս փաթեթի՞ մեջ է հարյուր հազարը։ Թո՛ւ, ի՜նչ նողկալի բան։ Ի՜նչ ես ասում, Դարյա Ալեքսեևնա։ Մի՞թե պիտի կործանեի նրան։ (Նա ցույց տվեց իշխանին)։ Ամուսնությունը ի՞նչ նրա բանն է. հենց իրեն դեռ դայակ է հարկավոր. ահա գեներալը նրան դայակություն կանի, չե՞ս տեսնում պտույտ֊պտույտ է անում շուրջը։ Տես, իշխան, քո հարսնացուն փողերը վերցրեց, որովհետև նա անառակ է, իսկ դու ուզում էիր նրան առնել։ Դե ի՞նչ ես լաց լինում։ Դա՞ռն է, ինչ է։ Իսկ իմ կարծիքով՝ ծիծաղիր,— շարունակում էր Նաստասյա Ֆիլիպովնան, որի հենց իր այտերի վրա շողացին արցունքի երկու խոշոր կաթիլ։— Ժամանակին հավատա, ամեն ինչ կանցնի։ Լավ է հիմա խելքի գալ, քան հետո... Դե ի՞նչ եք բոլորդ լալիս. ահա Կատյան էլ է լալիս։ Ինչ ես անում, Կատյա, սիրելիս։ Ես քեզ ու Պաշային շատ բան եմ թողնում, արդեն կարգադրել եմ, իսկ հիմա մնաք բարով։ Ես քեզ՝ ազնիվ աղջկանդ, հարկադրում էի ինձ՝ անառակիս, հոգ տանել... Այսպես ավելի լավ է, իշխան, ճշմարիտ, ավելի լավ է, հետո կսկսեիր ինձ արհամարհել, և երջանկություն չէինք ունենա։ Մի երդվիր, չեմ հավատում։ Եվ ինչ հիմար բան կլիներ... Ոչ, ավելի լավ է իրար հրաժեշտ տանք բարեկամաբար, թե չէ ախր ես ինքս էլ երազող եմ, օգուտ չէր լինի։ Մի՞թե ես ինքս քո մասին չէի երազում։ Այդ դու իրավացի ես, վաղուց էի երազում, դեռ նրա գյուղում, հինգ տարի մեն֊մենակ ապրեցի. մտածում-մտածում ես, երբեմն երազում֊երազում, և ահա շարունակ պատկերացնում էի քեզ նմանին, բարի, ազնիվ, լավ և նույնպիսի հիմարիկ, որ հանկարծ կգա ու կասի. «Դուք մեղավոր չեք, Նաստասյա Ֆիլիպովնա, իսկ ես ձեզ պաշտում եմ»։ Եվ երբեմն այնպես ես տարվում ցնորքներով, որ խելագարվում ես․․․ Մեկ էլ գալիս էր ահա սա, տարեկան մի երկու ամիս հյուր էր լինում, խայտառակում էր, խոցում, բորբոքում, անառակացնում ու մեկնում, այնպես որ հազար անգամ ուզեցել եմ լիճը նետվել, բայց ստոր եմ եղել, սիրտ չեմ արել, դե, իսկ հիմա... Ռոգոժին, պատրա՞ստ ես։
 +
 +
— Պատրա՜ստ է։ Չմոտենա՜ք։
 +
 +
— Պատրա՜ստ է,— հնչեց մի քանի ձայն։
 +
 +
— Տրոյկաներն սպասում են, բոժոժներո՜վ։
 +
 +
Նաստասյա Ֆիլիպովնան ձեռքն առավ փաթեթը։
 +
 +
— Գանկա, գլուխս մի միտք եկավ, ուզում եմ քեզ վարձատրել, որովհետև հանուն ինչի՞ ամեն ինչ կորցնես։ Ռոգոժին, սողեսող կգնա՞ մինչև Վասիլևսկի երեք ռուբլու համար։
 +
 +
— Կգնա՜։
 +
 +
— Դե, ուրեմն լսիր, Գանյա, ես վերջին անգամ ուզում եմ հոգիդ տեսնել, դու ինքդ ամբողջ երեք ամիս տանջում էիր ինձ. հիմա իմ հերթն է։ Տեսնո՞ւմ ես այս փաթեթը, սրա մեջ հարյուր հազար կա։ Ահա հիմա կնետեմ բուխարիկը, կրակի մեջ, ահա բոլորի ներկայությամբ, բոլորը վկա են. հենց որ կրակը ամբողջովին պատի, բուխարիկից հանիր, միայն թե առանց ձեռնոցների, մերկ ձեռներով և թևքերդ վեր քշտիր ու փաթեթը պուրս կորզիր կրակից։ Դուրս քաշեցիր՝ քոնն է, ամբողջ հարյուր հազարը քոնն է։ Մի քիչ միայն մատիկներդ կայրես, բայց ախր հարյո՜ւր հազար է, մտածի՜ր։ Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ կրակից կորզես։ Իսկ ես մի քիչ կզմայլվեմ հոգուդ նայելով, թե ինչպես իմ փողերին տիրանալու համար կրակն ես նետվում։ Բոլորը վկա են, որ փաթեթը քոնը կլինի։ Իսկ եթե չնետվես, ուրեմն կվառվի, ոչ ոքի չեմ թողնի։ Հեռացեք։ Բոլորդ հեռացեք։ Ի՜մ փողն է։ Ես դրանք Ռոգոժինից առա մի գիշերվա համար։ Ի՞մն են փողերը, Ռոգոժին։
 +
 +
— Քոնն են, իմ ուրախություն։ Քոնն են, թագուհի՜։
 +
 +
— Դե, հիմա բոլորդ հեռու քաշվեցեք, ինչ ուզենամ, այն էլ կանեմ։ Չխանգարե՛լ։ Ֆերդիշչենկո, կրակը չաղացրեք։
 +
 +
— Նաստասյա Ֆիլիպովնա, ձեռներս չեն բարձրանում,― պատասխանեց շշկլված Ֆերդիշչենկոն։
 +
 +
— Է֊է՜խ,— բղավեց Նաստասյա Ֆիլիպովնան, վերցրեց ունելին, դեսդեն ցրեց երկու մլմլացող փայտ և, հենց որ կրակը բռնկվեց, դրա մեջ նետեց փաթեթը։
 +
 +
Ճիչ բարձրացավ շուրջը. շատերը նույնիսկ երեսները խաչ հանեցին։
 +
 +
— Խելագարվե՜լ է, խելագարվե՜լ է,— բղավում էին չորս կողմը։
 +
 +
— Չը․․․ չը․․․ չկապե՞նք նրան,— շշնջաց գեներալը Պտիցինին,— կամ չուղարկե՞նք։ Ախր խելքը թռցրել է, թռցրել է, չէ՞։ Թռցրե՞լ է։
 +
 +
— Ո֊ոչ, սա կարող է պատահել, այնքան էլ խելագարություն չէ,— շշնջաց թաշկինակի պես գունատ և դողացող Պտիցինը, աչքերը մլմլացող փաթեթից կտրելու անկարող։
 +
 +
— Խելագա՞ր է։ Ախր խելագա՞ր է,— պոկ չէր գալիս գեներալը Տոցկուց։
 +
 +
— Ես ձեզ ասում էի, որ կոլորիտային կին է,— մրթմրթաց նույնպես մասամբ գունատված Աֆանասի Իվանովիչը։
 +
 +
— Բայց չէ՞ որ ախր հարյուր հազա՜ր...
 +
 +
— Տե՜ր աստված, տե՜ր աստված,— լսվում էր ամեն կողմից։ Բոլորը խռնվեցի ն բուխարիկի հուրշը, բոլորը խցկվում էին, որ տեսնեն, բոլորը բացականչում էին․․․ Ոմանք նույնիսկ թռան աթոռների վրա, որպեսզի նայեն գլուխների վրայից։ Դարյա Ալեքսեևնան դուրս թռավ մյուս սենյակը և վախեցած ինչ֊որ բան էր շշնջում Կատյայի ու Պաշայի հետ։ Գեղեցկուհի գերմանուհին փախավ։
 +
 +
— Աղավնյա՜կս։ Արքայադո՜ւստր։ Ամենազո՜ր,― վայնասուն էր բարձրացրել Լեբեդևը, ծնկաչոք սողալով Նաստասյա Ֆիլիպովնայի առաջ և ձեռները պարզելով դեպի բուխարիկը,— հարյուր հազա՜ր է։ Հարյո՜ւր հազար։ Ինքս եմ տեսել, իմ ներկայությամբ են փաթաթել։ Աղավնյակս։ Բարեգո՜ւթ։ Հրամայիր ինձ բուխարիկը նետվել, ամբողջովին կմտնեմ, ամբողջ ալեհեր գլուխս կրակի բերան կտամ․․․ Կինը հիվանդ, ոտքից զուրկ, տասներեք շունչ երեխա՝ բոլորը որբ, անցյալ շաբաթ հորը թաղեց, սոված նստել է, Նաստասյա Ֆիլիպովնա,— և կոծելով նա սողաց դեպի բուխարիկը։
 +
 +
— Հեռո՜ւ,— բղավեց Նաստասյա Ֆիլիպովնան, ետ հրելով նրան,― բոլորդ ետ քաշվեցեք։ Գանյա, ի՞նչ ես կանգնել։ Մի՛ ամաչիր։ Մտի՛ր։ Քո բա՜խտն է։
 +
 +
Բայց Գանյան արդեն չափազանց շատ բան էր տարել այդ օրը և այդ երեկո և այդ վերջին անսպասելի փորձությանը նախապատրաստված չէր։ Ամբոխը ճանապարհ բացեց նրանց առաջ, երկու կես լինելով, և Գանյան մնաց երես առ երես Նաստասյա Ֆիլիպովնայի հետ, նրանից երեք քայլ հեռավորության վրա։ Նաստասյա Ֆիլիպովնան կանգնել էր հենց բուխարիկի մոտ և սպասում էր, Գանյայից չհեռացնելով հրացայտ, սևեռուն հայացքը։ Գանյան, ֆրակով, գլխարկն ու, ձեռնոցները ձեռքին, նրա առաջ կանգնել էր լուռ ու անպատասխան, ձեռները խաչած ու կրակին նայելով։ Խելագար ժպիտը թափառում էր թաշկինակի պես գունատ նրա դեմքին։ Ճիշտ է, նա չէր կարող աչքերը կտրել նրանից՝ մխալ սկսող փաթեթից. բայց, թվում է, ինչ-որ նոր բան էր մտել նրա հոգու մեջ. կարծես նա երդվել էր դիմանալ կտտանքին, նա տեղից չէր շարժվում. մի քանի վայրկյան անց բոլորի համար պարզ դարձավ, որ նա չի գնա փաթեթը հանելու, չի ուզում զնալ։
 +
 +
— Էյ, կավառվի, հետո քեզ ամոթանք կտան,— բղավում էր նրան Նաստասյա Ֆիլիպովնան,— ախր հետո կկախվես, ես կատակ չեմ անում։
 +
 +
Կրակը, որ սկզբում բռնկվեց երկու մարմրող խանձողների միջև, սկզբում մարեց, երբ նրա վրա ընկավ ու ճնշեց փաթեթը։ Բայց մի փոքրիկ կապույտ բոց ցածից կառչում էր ներքևի խանձողի մի անկյանը։ Վերջապես կրակի մի բարակ երկար լեզվակ լիզեց նաև փաթեթը, կրակը կորավ և փաթեթի անկյուններից վազեց թղթի վրայով, ու հանկարծ բուխարիկում բռնկվեց ամբողջ փաթեթը, և պայծառ բոցը պոռթկաց դեպի վեր։ Բոլորը ախ քաշեցին։
 +
 +
— Աղավնյա՜կս,— դեռ շարունակում էր կոծել Լեբեդևը, նորից առաջ ձգտելով, բայց Ռոգոժինը նորից ետ քաշեց նրան ու ետ հրեց։
 +
 +
Ռոգոժինն ինքը ամբողջովին դարձել էր մի անշարժ հայացք։ Նա չէր կարող աչքը կտրել Նաստասյա Ֆիլիպովնայից, նա արբեցած էր, նա յոթերորդ երկնքումն էր։
 +
 +
— Այ սա թագուհի՜ է,— կրկնում էր նա րոպեն մեկ, դիմելով շուրջը ում պատահեր,— այ սա մեր հանգի է,— բացականչում էր նա ինքն իրեն կորցրած։— Ձեզնից ո՞ր մեկը այսպիսի բան կանի, հը՞, սրիկաներ։
 +
 +
Իշխանը հետևում էր տխուր ու լուռ։
 +
 +
— Ես ատամներով դուրս կկորզեմ միայն մի հազարի դիմաց,— առաջարկեց Ֆերդիշչենկոն։
 +
 +
— Ատամներով ես էլ կկարողանայի,— կրճտացրեց ամենահետևում կանգնած բռունցքավոր պարոնը, կատարյալ հուսահատության նոպայի մեջ։— Գ-գրո՜ղը տանի։ Վառվո՜ւմ է, ամբողջը կվառվի՜,— բղավեց նա՝ տեսնելով բոցը։
 +
 +
— Վառվո՜ւմ է, վառվո՜ւմ է,— բղավում էին բոլորը միաձայն, գրեթե բոլորը նույնպես ձգտելով դեպի բուխարիկը։
 +
 +
— Գանյա, մի կոտրատվի, վերջին անգամ եմ ասում։
 +
 +
— Խցկվի՜ր,― դոռաց Ֆերդիշչենկոն, իսկական կատաղությամբ նետվելով դեպի Գանյան և ձիգ տալով նրա թևքից,― խցկվի՛ր, ֆանֆարոնի մե՜կը։ Կվառվի՜։ Օ, անիծվ֊վա՜ծ։
 +
 +
Գանյան ուժով ետ հրեց Ֆերդիշչենկոյին, շուռ եկավ ու կնաց դեպի դուռը, բայց երկու քայլ չարած՝ երերաց ու շրմփաց հատակին։
 +
 +
— Ուշաթափությո՜ւն,— բղավեցին չորս բոլորը։
 +
 +
— Աղավնյա՜կս, կվառվեն,— շիվան էր անում Լեբեդևը։
 +
 +
— Զուր տեղը կվառվեն,― գոչում էին ամեն կողմից։
 +
 +
— Կատյա, Պաշա, ջուր բերեք սրան, սպի՛րտ,— բղավեց Նաստասյա Ֆիլիպովնան, վերցրեց ունելին ու փաթեթը դուրս քաշեց։
 +
 +
Գրեթե ամբողջ արտաքին թուղթը վառվել ու մլմլում էր, բայց իսկույն նկատելի էր, որ մեջը անվնաս էր մնացել։ Փաթեթը փաթաթված էր եռատակ լրագրաթղթով և փողերը չէին վնասվել։ Բոլորը ազատ շունչ քաշեցին։
 +
 +
— Միայն մի հազարի չափ է մի քիչ փչացել, իսկ ամբողջ մնացածը տեղն է,— խանդաղատանքով ասաց Լեբեդևը։
 +
 +
— Բոլորը նրա՛նն է։ Ամբողջ կապոցը նրանն է։ Լսո՞ւմ եք, պարոնայք,― ազդարարեց Նաստասյա Ֆիլիպովնան, փաթեթը դնելով Գանյայի մոտ,— բայց, համենայն դեպս, չգնաց, դիմացավ։ Ուրեմն ինքնասիրությունն ավելի է, քան փողի տենչը։ Ոչինչ, ուշքի կգա։ Թե չէ կմորթեր, ով գիտի․․․ ահա արդեն ուշքի է գալիս։ Գեներալ, Իվան Պետրովիչ, Դարյա Ալեքսեևնա, Կատյա, Պաշա, Ռոգոժին, լսեցի՞ք։ Փաթեթը նրանն է, Գանյայինը։ Ես տալիս եմ նրան ի լիակատար սեփականություն, որպես հատուցում․․․ ինչի ուզում է լինի։ Ասացեք նրան։ Թող հենց այստեղ նրա կողքին էլ մնա․․․ Ռոգոժին, մա՛րշ։ Մնաս բարո՛վ, իշխան, առաջին անգամ մարդ տեսա։ Մնաք բարով, Աֆանասի Իվանովիչ, merci!
 +
 +
Ռոգոժինի ամբողջ խումբը աղմուկ֊աղաղակով, գոռում֊գոչյունով սենյակներով սլացավ դեպի ելքը՝ Ռոգոժինի և Նաստասյա Ֆիլիպովնայի հետևից։ Դահլիճում աղջիկները նրան մատուցեցին մուշտակը, խոհարարուհի Մարֆան վազեց եկավ խոհանոցից։ Նաստասյա Ֆիլիպովնան հերթով համբուրեց նրանց բոլորին։
 +
 +
— Մի՞թե մեզ բոլորովին լքում եք, աղավնյակս։ Ախր ո՞ւր պիտի գնաք։ Եվ այն էլ ծննդյան օրը. մի այսպիսի օր,— լալագին հարցնում էին աղջիկները նրա ձեռները համբուրելով։
 +
 +
— Փողոց կերթամ, Կատյա, դու լսեցիր, իմ տեղն այնտեղ է, կամ թե չէ՝ լվացարարուհի կդառնամ։ Հերիք է Աֆանասի Իվանովիչի հետ։ Իմ կողմից նրան բարև արեք, իսկ ինձ բարի հիշեք․․․
 +
 +
Իշխանը սրընթաց նետվեց դեպի շքամուտքը, որտեղ բոլորը տեղավորվում էին չորս բոժոժավոր տրոյկաների մեջ։ Գեներալը կարողացավ նրա հետևից հասնել դեռ սանդուղքի վրա։
 +
 +
— Ողորմա՛, իշխան, ուշքի եկ,—— ասում էր նա, բռնելով իշխանի ձեռքը,— վերջ տուր։ Տեսնում ես, ինչպիսի՜ն է նա։ Որպես հայր եմ ասում։
 +
 +
Իշխանը նայեց նրան, բայց, առանց մի բառ ասելու, դուրս պրծավ ու ցած վազեց։
 +
 +
Շքամուտքի մոտ, որից հենց նոր էին հեռացել տրոյկաները, գեներալը տեսավ, որ իշխանը կանգնեցրեց առաջին հանդիպած կառապանին և բղավեց, որ քշի Եկատերինհոֆ, տրոյկաների հետևից։ Ապա սրընթաց մոտեցավ գեներալի գորշուկ վարգաձին լծած կառքը և գեներալին տուն տարավ, նոր հույսերով ու հաշիվներով և քիչ առաջվա՝ մարգարիտով, որը գեներալը, համենայն դեպս, չմոռացավ իր հետ վերցընել։ Հաշիվների միջև մի երկու անգամ էլ առկայծեց Նաստասյա Ֆիլիպովնայի գայթակղեցուցիչ պատկերը. գեներալը հոգոց հանեց.
 +
 +
— Ափսո՜ս։ Անկեղծորեն ափսոս է։ Կորա՜ծ կին։ Խելագա՜ր կին... Դե, իշխանին հիմա Նաստասյա Ֆիլիպովնան չի հարկավոր...
 +
 +
Այդ կարգի մի քանի բարոյախոսական ու բարի երթի խոսքեր փոխանակվեցին նաև Նաստասյա Ֆիլիպովնայի հյուրերից երկու զրուցակիցների միջև, որոնք որոշեցին մի քիչ ոտքով գնալ։
 +
 +
— Գիտե՞ք, Աֆանասի Իվանովիչ, դա, ինչպես ասում են, ճապոնացիների մոտ է այդ տեսակ լինում,— ասում էր Իվան Պետրովիչ Պտիցինը։— Վիրավորվածը այնտեղ իբրև թե գնում է վիրավորողի մոտ և նրան ասում է․ «Դու ինձ վիրավորել ես, դրա համար ես եկել եմ քո աչքի առաջ փորս թափելուս, և այդ խոսքերով իսկապես վիրավորողի աչքի առաջ իր փորը թափում է և, ըստ երևույթին, զգում է արտակարգ բավարարվածության, կարծես իրոք որ վրեժ է լուծել։ Տարօրինակ բնավորություններ են լինում աշխարհի երեսին, Աֆանասի Իվանովիչ։
 +
 +
— Իսկ դուք կարծում եք, որ այստեղ է՞լ այդ տեսակ էր ժպտալով պատասխանեց Աֆանասի Իվանովիչյը,— հըմ։ Դուք, սակայն, սրամիտ... և հիանալի համեմատություն արիք։ Սակայն դուք տեսաք ինքներդ, ամենասիրելի Իվան Պետրովիչ, որ ես արեցի ինչ որ կարող էի, հո չե՞մ կարող հնարավորից ավելին անել, համաձայնեցեք ինքներդ։ Եվ սակայն, համաձայնեցեք և այն բանի հետ, որ այդ կնոջ մեջ առկա էին հիմնավոր արժանիքներ... փայլուն գծեր։ Ես քիչ առաջ նույնիսկ ուզում էի նրան բղավել, եթե միայն կարողանայի այդ սոդոմի մեջ թույլ տալ ինձ, որ իր բոլոր մեղադրանքների մեջ հենց նա ինքը իմ լավագույն արդարացումն է։ Դե, երբեմն ո՞վ չէր գերվի այդ կնոջով, խելքը և... ամեն ինչ կորցնելու աստիճան։ Տեսեք, այդ գռեհիկը, Ռոգոժինը, հարյուր հազար քարշ տվեց։ Ենթադրենք, այնուամենայնիվ, ինչ որ հիմա տեղի ունեցավ այնտեղ, վաղանցիկ է, ռոմանտիկ, անվայելուչ, բայց փոխարենը՝ կոլորիտային է, փոխարենը՝ օրիգինալ է, ինքներդ համաձայնեցեք։ Աստված, ի՜նչ կարող էր ստացվել այդպիսի բնավորությունից և այդպիսի գեղեցկությամբ։ Բայց, չնայած բոլոր ջանքերին, նույնիսկ չնայած կրթությանը, ամեն ինչ կորա՜վ։ Չհղկած ալմաստ է, մի քանի անգամ ասել եմ այդ...
 +
 +
Եվ Աֆանասի Իվանովիչը խորունկ հառաչեց։
 +
 +
 +
== Երկրորդ մաս ==
 +
 +
=== I ===
 +
 +
Նաստասյա Ֆիլիպովնայի երեկույթին տեղի ունեցած տարօրինակ արկածից երկու օր անց, որով մենք ավարտեցինք մեր պատմության առաջին մասը, իշխան Միշկինն աճապարեց Մոսկվա մեկնել, իր անսպասելի ժառանգությունն ստանալու գործով։ Այն ժամանակ ասում էին, որ այդպես հապճեպ մեկնելու համար կարող էին և այլ պատճառներ լինել։ Բայց այդ մասին, ինչպես և իշխանի մոսկովյան արկածների և առհասարակ Պետերբուրգից նրա բացակա եղած ամբողջ ժամանակամիջոցի մասին մենք բավական քիչ տեղեկություններ կարող ենք հայտնել։ Իշխանը բացակա էր ուղիղ վեց ամիս, և նույնիսկ նրանք, ովքեր նրա ճակատագրով հետաքրքրվելու որոշ պատճառներ ունեին, այդ ամբողջ ժամանակի ընթացքում նրա մասին չափազանց քիչ բան կարող էին իմանալ։ Ճիշտ է, ոմանց, թեպետև խիստ հազվադեպ, որոշ լուրեր էին հասնում, բայց նույնպես մեծ մասամբ տարօրինակ և միշտ հակասական լուրեր։ Իհարկե, իշխանով ամենից շատ հետաքրքրվում էին Եպանչինների տանը, որոնց, մեկնելիս, իշխանը նույնիսկ ժամանակ չունեցավ հրաժեշտ տալու։ Ասենք, գեներալն այն ժամանակ տեսնվեց նրա հետ, նույնիսկ երկու֊երեք անգամ, նրանք ինչ֊որ բանի մասին լրջորեն խոսում էին։ Բայց եթե Եպանչինն ինքը տեսնվում էր, ապա այդ մասին չհայտնեց իր ընտանիքին։ Եվ առհասարակ սկզբներում, այսինքն՝ իշխանի մեկնելուց հետո համարյա մի ամբողջ ամիս, Եպանչինների տանն ընդունված չէր նրա մասին խոսելը։ Միայն գեներալի կինը՝ Լիզավետա Պրոկոֆևնան, ամենասկզբում այն միտքը հայտնեց, որ «ինքը չարաչար սխալված է իշխանի նկատմամբ»։ Հետո երկու թե երեք օր անց ավելացրեց, բայց արդեն առանց իշխանի անունը տալու, այլ անորոշ, որ «իր կյանքի ամենագլխավոր գիծը մարդկանց նկատմամբ անընդհատ սխալվելն է եղել»։ Եվ, վերջապես, արդեն մի տասը օր անց, աղջիկներից ինչ-որ բանի համար նեղացած, իբրև խրատաբանություն եզրափակեց, որ «բավական են սխալները։ Դրանք այլևս չեն լինի»։ Ընգսմին չի կարելի չնշել, որ նրանց տանը բավական երկար ժամանակ տիրում էր ինչ-որ տհաճ տրամադրություն։ Ինչ-որ ծանր, լարված, թերասած, կովային բան կար. բոլորը խոժոռվում էին։ Գեներալը գիշեր-ցերեկ զբաղված էր, հոգ էր տանում գործերի մասին, հազվադեպ էին սրան տեսել ավելի զբաղված ու գործունյա, առանձնապես իր պաշտոնական գործերով։ Տնեցիները հազիվ էին կարողանում նրա երեսը տեսնել։ Ինչ վերաբերում է Եպանչինա օրիորդներին, ապա, իհարկե, նրանք բարձրաձայն բոլորովին չէին արտահայտվել։ Գուցե իրար մեջ մենակ եղած ժամանակ էլ շատ քիչ բան էր ասվել։ Դրանք հպարտ, մեծամիտ աղջիկներ էին և նույնիսկ երբեմն միմյանցից ամաչում էին, բայց և իրար հասկանում էին ոչ միայն առաջին խոսքից, այլ նույնիսկ առաջին հայացքից, այնպես որ երբեմն հարկավոր էլ չէր շատ խոսել։
 +
 +
Մի բան միայն կարող էր եզրակացնել կողմնակի դիտողը, եթե այդպիսի մեկը պատահեր, որ, դատելով բոլոր վերև ասված, թեև փոքրաթիվ տվյալներից, իշխանը, այնուամենայնիվ, կարողացել էր Եպանչինների տանը առանձնահատուկ տպավորություն գործել, թեև այնտեղ եղել էր ընդամենը մեկ անգամ, այն էլ հարևանցի։ Կարող է պատահել, դա հասարակ հետաքրքրասիրության տպավորություն էր, որ բացատրվում էր իշխանի որոշ օտարոտի արկածներով։ Ինչ էլ որ լիներ, բայց տպավորություն թողել էր։
 +
 +
Կամաց-կամաց քաղաքում տարածված լուրերն էլ ծածկվեցին անհայտության խավարով։ Ճիշտ է, պատմվում էր ինչ-որ աննշան իշխանի ու ապուշի մասին (ոչ ոք չէր կարող հաստատ ասել անունը), որը հանկարծ հսկայական ժառանգություն է ստացել և ամուսնացել մի եկվոր ֆրանսուհու, Փարիզի Շատո֊դե֊ֆլյորի հայտնի կանկաներուհու հետ։ Բայց ուրիշներն էլ ասում էին, որ ժառանգություն ստացել է ինչ֊որ գեներալ, իսկ եկվոր ֆրանսուհու և հայտնի կանկաներուհու հետ ամուսնացել է մի ռուս վաճառական ու անհաշիվ հարուստ, և իր հարսանիքին, լոկ սնապարծությունից, հարբած վիճակում, մոմի վրա այրել է վերջին վիճակախաղի փոխառության ուղիղ յոթ հարյուր հազարի տոմս։ Բայց այդ բոլոր լուրերը շատ շուտով լռեցին, որին շատ նպաստեցին հանգամանքները։ Օրինակ, Ռոգոժինի ամբողջ խումբը, որից շատերը կարող էին որոշ բան պատմել, հենց Ռոգոժինի գլխավորությամբ, ամբողջ հոծ զանգվածով մեկնել էր Մոսկվա, Եկատերինհոֆի կայարանում տեղի ունեցած սարսափելի ցոփ կերուխումից համարյա ուղիղ մի շաբաթ հետո, որին ներկա էր նաև Նաստասյա Ֆիլիպովնան։ Մի քանիսին, շատ փոքրաթիվ հետաքրքրվողների, ինչ-որ լուրերից հայտնի էր դարձել, որ Նաստասյա Ֆիլիպովնան Եկատերինհոֆից հետո հենց հաջորդ օրը փախել է, անհետացել, և որ իբրև թե հետքը գտել են, վերջապես, որ նա Մոսկվա է մեկնել, այնպես որ Ռոգոժինի Մոսկվա մեկնելու մեջ էլ սկսեցին զուգադիպություն գտնել այդ լուրի հետ։
 +
 +
Սկսեցին լուրեր պտտվել նաև Գավրիլա Արդալիոնովիչ Իվոլգինի վերաբերյալ, որը նույնպես իր միջավայրում բավական հայտնի էր։ Բայց նրան էլ պատահեց մի հանգամանք, որ արագ սառեցրեց, իսկ հետագայում բոլորովին ոչնչացրեց նրա վերաբերյալ բոլոր անբարյացակամ պատմությունները, նա շատ ծանր հիվանդացավ և չէր կարող հայտնվել ոչ միայն ոչ մի տեղ հասարակության մեջ, այլև պաշտոնատեղում։ Մի ամիս տևող հիվանդությունից հետո նա առողջացավ, բայց չգիտես ինչու ակցիոներական ընկերությունում գրաված պաշտոնից բոլորովին հրաժարվեց, և նրա տեղը գրավեց մեկ ուրիշը։ Գեներալ Եպանչինի տանը նա նույնպես չէր հայտնվում ոչ մի անգամ, այնպես որ գեներալի տուն էլ սկսեց գալ մի ուրիշ աստիճանավոր։ Գավրիլա Արդալիոնովիչի թշնամիները կարող էին ենթադրել, որ նա իրեն պատահածից այն աստիճան անհարմար դրության մեջ է ընկած, որ ամաչում է նույնիսկ փողոց դուրս գալուց. բայց նա իրոք տկար էր. նույնիսկ սևամաղձության վիճակի էր հասել, մտածմունքի մեջ էր ընկնում, ջղայնանում էր։ Վարվառա Արդալիոնովնան հենց նույն ձմեռն ամուսնացավ Պտիցինի հետ. բոլոր նրանց ճանաչողները այդ ամուսնությունը ուղղակի վերագրեցին այն հանգամանքին, որ Գանյան չէր ուզում վերադառնալ իր զբաղմունքին և ոչ միայն դադարեց ընտանիքը պահելուց, այլ նույնիսկ ինքն սկսեց օգնության և համարյա խնամքի կարիք զգալ։
 +
 +
Փակագծերի մեջ նշենք, որ Եպանչինների տանը Գավրիլա Արդալիոնովիչի մասին երբեք նույնիսկ չէր էլ հիշատակվում, կարծես ոչ միայն իրենց տանը, այլ նույնիսկ աշխարհի երեսին այդպիսի մարդ չէր եղել։ Մինչդեռ նրա մասին բոլորը իմացան (և նույնիսկ շատ շուտով) մի շատ նշանակալից հանգամանք, այն է՝ նրա համար հենց այն ճակատագրական գիշերը, Նաստասյա Ֆիլիպովնայի տանը պատահած տհաճ արկածից հետո, Գանյան, տուն վերադառնալով, չպառկեց քնելու, այլ տենդոտ անհամբերությամբ սկսեց սպասել իշխանի վերադարձին։ Իշխանը, որ գնացել էր Եկատերինհոֆ, այնտեղից վերադարձավ առավոտյան ժամը վեցին մոտ։ Այն ժամանակ Գանյան մտավ նրա սենյակը և նրա առաջ սեղանին դրեց փողի խանձված փաթեթը, որ նրան նվիրել էր Նաստասյա Ֆիլիպովնան, երբ ինքը ընկած էր ուշագնաց։ Նա համառորեն խնդրում էր իշխանին, որ նա առաջին իսկ հնարավորության դեպքում այդ նվերը վերադարձնի Նաստասյա Ֆիլիպովնային։ Իշխանի մոտ մտնելիս Գանյան տրամադրված էր թշնամաբար և գրեթե հուսահատ. բայց իբր թե նրա ու իշխանի մեջ ինչ-որ մի քանի խոսք էր ասվել, որից հետո Գանյան նրա մոտ նստել էր մի երկու ժամ և ամբողջ ժամանակ դառնագին հեկեկացել։ Բաժանվել էին երկուսն էլ բարեկամական հարաբերությունների մեջ։
 +
 +
Բոլոր Եպանչիններին հասած այս լուրը, ինչպես հետագայում հաստատվեց, միանգամայն ճշգրիտ էր։ Իհարկե, տարօրինակ է, որ այդ կարգի լուրերը կարող էին այդպես արագ հասնել և իմացվել, օրինակ, Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ ամբողջ տեղի ունեցածը Եպանչինների տանը հայտնի դարձավ գրեթե հաջորդ իսկ օրը և նույնիսկ բավական ճշգրիտ մանրամասնություններով։ Իսկ Գավրիլա Արդալիոնովիչի մասին եղած լուրերի առթիվ կարելի էր ենթադրել, որ նրանք Եպանչինների ականջին է հասցրել Վարվառա Արդալիոնովնան, որը հանկարծ ինչ֊որ ձևով հայտնվել է Եպանչինա օրիորդների մոտ և նույնիսկ շուտով խիստ մտերմացել է նրանց հետ, մի բան, որ չափազանց զարմացնում էր Լիզավետա Պրոկոֆևնային։ Սակայն Վարվառա Արդալիոնովնան, թեև չգիտես ինչու հարկ էր համարել խիստ մերձենալ Եպանչինաներին, իր եղբոր մասին հավանաբար չէր խոսի նրանց հետ։ Նա ևս բավական հպարտ կին էր, թեև յուրովի, չնայած նրան, որ մտերմություն էր հաստատել այնտեղ, որտեղից գրեթե վռնդել էին իր եղբորը։ Դրանից առաջ թեև նա ծանոթ էր Եպանչինա օրիորդների հետ, բայց նրանք հազվաղեպ էին տեսնվում։ Ի դեպ, հյուրասենյակում նա հիմա էլ համարյա չէր երևում և մտնում էր, ասես հարևանցի, հետևի անդաստակից։ Լիզավետա Պրոկոֆևնան երբեք բարեհաճ չէր նրա նկատմամբ, ոչ առաջ, ոչ հիմա, չնայած շատ էր հարգում Նինա Ալեքսանդրովնային՝ Վարվառա Արդալիոնովնայի մայրիկին։ Նա զարմանում էր, բարկանում, ծանոթությունը Վարյայի հետ վերագրում էր իր աղջիկների քմահաճույքին ու իշխելասիրությանը, որոնք «արդեն չդիտեն ինչ հնարեն, որ իրեն հակառակ բան արած լինեն», իսկ Վարվառա Արդալիոնովնան, համենայն դեպս, շարունակում էր նրանց մոտ գալ իր ամուսնությունից առաջ և հետո։
 +
 +
Բայց իշխանի մեկնելուց հետո անցավ մոտ մի ամիս, և տիկին Եպանչինան մի նամակ ստացավ իշխանուհի Բելոկոնսկայայից, որը դրանից մի երկու շաբաթ առաջ գնացել էր Մոսկվա՝ իր ամուսնացած ավագ աղջկա մոտ, և այդ նամակը նրա վրա նկատելի ազդեցություն գործեց։ Թեև նա այդ նամակից ոչինչ չհայտնեց ոչ աղջիկներին, ոչ Իվան Ֆյոդորովիչին, բայց շատ նշաններից ընտանիքում նկատելի դարձավ, որ նա ինչ֊որ առանձնահատուկ ձևով գրգռված, նույնիսկ հուզված է։ Սկսեց շատ տարօրինակ ձևով խոսել աղջիկների հետ և շարունակ այնպիսի՜ արտասովոր բաների մասին։ Ըստ երևույթին, նա ուզում էր արտահայտվել, բայց չգիտես ինչու ինքն իրեն զսպում էր։ Նամակն ստացած օրը նա բոլորին գուրգուրեց, նույնիսկ համբուրեց Ագլայային ու Ադելաիդային, ինչ-որ բանի համար զղջաց նրանց առաջ, բայց թե ինչի՝ աղջիկները չկարողացան հասկանալ։ Նույնիսկ դեպի Իվան Ֆյոդորովիչը, որին ամբողջ ամիսը պահել էր շնորհազուրկ վիճակում, հանկարծ ներողամիտ դարձավ։ Հասկանալի է, հենց հաջորդ օրը նա սաստիկ բարկացավ իր երեկվա փափկասրտության համար և դեռ մինչև ճաշ հասցրեց բոլորի հետ կռվել, բայց երեկոյան կողմ հորիզոնը նորից պարզվեց։ Առհասարակ ամբողջ շաբաթը նա շարունակում էր բավականին պայծառ տրամադրության մեջ լինել, որ արդեն վաղուց չէր եղել։
 +
 +
Բայց ևս մի շաբաթ հետո Բելոկոնսկայայից մի նամակ էլ ստացվեց, և այս անգամ արդեն Լիզավետա Պրոկոֆևնան վճռեց արտահայտվել։ Նա հանդիսավոր կերպով հայտարարեց, որ «պառավ Բելոկոնսկայան» (նա երբեք այլ կերպ չէր կոչում իշխանուհուն՝ նրա մասին հեռակա խոսելիս) նրան չափազանց մխիթարական լուրեր է հաղորդում այդ... «խենթուկի, դե, ահա, իշխանի մասին»։ Պառավը Մոսկվայում որոնել գտել է նրան, տեղեկացել է նրա մասին, իմացել է մի շատ լավ բան, վերջապես իշխանն ինքը ներկայացել է նրան և իշխանուհու վրա գրեթե արտակարգ տպավորություն է գործել։ «Դա նրանից է երևում, որ իշխանուհին հրավիրել է նրան ամեն օր առավոտները այցելել իրեն ժամը մեկից մինչև երկուսը, և իշխանը ամեն օր քարշ է գալիս նրա մոտ և մինչև հիմա չի ձանձրացրել»,— եզրակացրեց գեներալի կինը, դրան ավելացնելով, որ «պառավի» միջոցով իշխանին սկսել են ընդունել երկու֊երեք լավ տներում։ «Այդ լավ է, որ նստկանի պես տանը չի նստում ու չի ամաչում հիմարի պես»։ Աղջիկները, որոնց հայտնված էր այդ ամենը, իսկույն նկատեցին, որ մայրիկը իր նամակից կարծես շատ բան թաքցրեց իրենցից։ Թերևս նրանք դա իմացան Վարվառա Արդալիոնովնայի միջոցով, որը կարող էր գիտենալ և, իհարկե, գիտեր այն ամենը, ինչ որ Պտիցինը գիտեր իշխանի և նրա Մոսկվայում գտնվելու մասին։ Իսկ Պտիցինին կարող էր հայտնի լինել նույնիսկ ավելին, քան բոլորին։ Բայց նա գործարար տեսակետից չափազանց լռակյաց մարդ էր, թեև հասկանալի է, Վարյային ասում էր։ Գեներալի կինը դրա համար իսկույն և ավելի ևս չսիրեց Վարվառա Արդալիոնովնային։
 +
 +
Բայց ինչ էլ լիներ, սառույցը կոտրված էր, և հանկարծ հնարավոր դարձավ իշխանի մասին խոսել բարձրաձայն։ Բացի դրանից մի անգամ էլ պարզ դրսևորվեց այն արտասովոր տպավորությունր և այն արդեն չափից դուրս մեծ հետաքրքրությունը, որը հարուցել և իր մասին թողել էր իշխանը Եպանչինների տանը։ Գեներալի կինը նույնիսկ զարմացավ այն տպավորությունից, որ գործեցին իր աղջիկների վրա Մոսկվայից ստացած լուրերը։ Իսկ աղջիկները նույնպես զարմացան իրենց մայրիկի վրա, որն այնպիսի հանդիսավորությամբ հայտարարեց նրանց, որ «նրա կյանքի ամենագլխավոր գիծը մարդկանց նկատմամբ անընդհատ սխալվելն է», և միևնույն ժամանակ իշխանին հանձնարարեց «մեծահզոր» պառավ Բելոկոնսկայայի ուշադրությանը Մոսկվայում, ըստ որում, իհարկե, հարկ եղավ նրա ուշադրությունը ստանալ ի սեր Քրիստոսի և աստծու թախանձագին խնդրանքով, որովհետև «պառավին» որոշ դեպքերում դժվար էր տեղից շարժել։
 +
 +
Բայց հենց որ սառույցը կոտրվեց և նոր քամի փչեց։ գեներալը նույնպես շտապեց արտահայտվել։ Պարզվեց, որ նա էլ անասելի հետաքրքրվում էր։ Ի դեպ, նա հայտնեց լոկ «նյութի գործնական կողմի» մասին։ Պարզվեց, որ նա, իշխանի շահերից ելնելով, ինչ֊որ երկու պարոնների, որոնք յուրովի շատ վստահելի ու ազդեցիկ մարդիկ են Մոսկվայում, հանձնարարել է հետևել իշխանին և առանձնապես նրա ղեկավար Սալազկինին։ Այն ամենը, ինչ ասվում էր ժառանգության մասին, «այսպես ասած ժառանգության փաստի մասին», ճիշտ դուրս եկավ, բայց որ բուն ժառանգությունը այնքան էլ նշանակալի չի, որքան որ սկզբում տարածեցին նրա մասին։ Կարողությունը կիսով չափ խճճված է. հայտնվել էին պարտքեր, հայտնվել էին ինչ֊որ հավակնորդներ, և իշխանն էլ, չնայած բոլոր ղեկավարումներին, իրեն պահում էր ամենաանգործնական ձևով։ «Իհարկե, աստված բարին տա նրան», այժմ, երբ «լռության սառույցը» կոտրված է, գեներալն ուրախ է այդ մասին հայտարարել հոգու «ամբողջ անկեղծությամբ», որովհետև «մարդը մի քիչ ''էնիք'' է», բայց արժանի է դրան։ Այնուամենայնիվ այստեղ հիմարություն է արել, օրինակ, հայտնվել են հանգուցյալ վաճառականի պարտատերերը, վիճելի, աննշան փաստաթղթերով, ոմանք էլ իշխանի բնավորության հոտն առնելով, ուղղակի առանց փաստաթղթերի, և ի՞նչ։ Իշխանը գրեթե բոլորին բավարարել է, չնայած բարեկամների բոլոր զեկույցներին այն մասին, որ բոլոր այդ մարդուկներն ու պարտատիրուկները բոլորովին անիրավ են, և լոկ նրա համար է բավարարել, որ իրոք պարզվել է, որ նրանցից մի քանիսը իսկապես տուժել են։
 +
 +
Գեներալի կինը դրան պատասխանել է, որ այդ ոգով նրան գրում է նաև Բելոկոնսկայան, և որ դա «հիմարություն է, մեծ հիմարություն. հիմարին բուժել չի լինի»,― չոր֊չոր ավելացրեց նա, բայց նրա դեմքից երևում էր, թե որքան ուրախ էր այդ «հիմարի» արարքներից։ Ի եզրափակումն ամենի, գեներալը նկատեց, որ իր կինը իշխանով հետաքրքըրվում է ինչպես իր հարազատ որդով և որ նա սկսել է Ագլայային չափից ավելի գուրգուրել. այդ տեսնելով, Իվան Ֆյոդորովիչը միաժամանակ չափազանց գործնական տեսք ընդունեց։
 +
 +
Բայց դարձյալ այդ հաճելի տրամադրությունը երկար չտևեց։ Անցավ ընդամենը երկու շաբաթ, և հանկարծ նորից ինչ֊որ բան փոխվեց, գեներալի կինը խոժոռվեց, իսկ գեներալը, մի քանի անգամ ուսերը թոթվելով, դարձյալ ենթարկվեց «լռության սառույցին»։ Բանն այն է, որ ընդամենը երկու շաբաթ առաջ նա մի տեղեկություն ստացավ, թեև կարճառոտ, ուստի և ոչ այնքան պարզ, բայց դրա փոխարեն ճիշտ, այն մասին, որ Նաստասյա Ֆիլիպովնան, որ սկզբում կորել էր Մոսկվայում, հետո նրան Մոսկվայում իսկ գտել էր Ռոգոժինը, հետո նորից ուր-որ կորել էր և նորից գտնվել Ռոգոժինի կողմից, վերջապես գրեթե հաստատ խոսք էր տվել նրա հետ ամուսնանալու։ Եվ ահա ընդամենը երկու շաբաթ անց նորին գերազանցությունը հանկարծ լուր է ստանում, որ Նաստասյա Ֆիլիպովնան փախել է երրորդ անգամ, գրեթե պսակադրության արարողությունից, և այս անգամ կորել է ինչ֊որ նահանգում. մինչդեռ Մոսկվայից անհայտացել է նաև իշխան Միշկինը, իր բոլոր գործերը թողնելով Սալազկինի տնօրինությանը, «հայտնի չէ՝ նրա հետ, թե նրա հետևից, բայց այստեղ մի բան կա»,— եզրափակեց գեներալը։ Լիզավետա Պրոկոֆևնան նույնպես և իր կողմից ստացել էր ինչ-որ տհաճ տեղեկութւուններ։ Վերջ ի վերջո իշխանի մեկնելուց երկու ամիս անց Պետերբուրգում համարյա լռեց նրա մասին ամեն մի լուր, իսկ Եպանչինների տանը «լռության սառույցը» այլևս չէր կոտրվում։ Ասենք, Վարվառա Արդալիոնովնան այնուամենայնիվ շարունակում էր այցելել օրիորդներին։
 +
 +
Որպեսզի վերջացնենք այս բոլոր լուրերի ու տեղեկությունների պատմությունը, ավելացնենք և այն, որ գարնան կողմ Եպանչինների մոտ շատ հեղաշրջումներ եղան, այնպես որ դժվար էր չմոռանալ իշխանի մասին, որն ինքն էլ տեղեկություն չէր տալիս, կարող է պատահել, որ չէր էլ ուզում տալ։ Ձմեռվա ընթացքում կամաց֊կամաց, վերջապես, վճռեցին ամառն ուղևորվել արտասահման, այսինքն՝ Լիզավետա Պրոկոֆևնան աղջիկների հետ. գեներալին, հասկանալի է, չէր կարելի ժամանակը վատնել «դատարկ զվարճության» վրա։ Վճիռը կայացավ աղջիկների արտակարգ ու համառ պնդումով, որոնք լիովին համոզվել էին, որ իրենց արտասահման տանել չեն ուզում նրա համար, որ ծնողների անընդհատ հոգսն է նրանց ամուսնացնել և նրանց համար փեսացուներ որոներ կարող է պատահել, ծնողներն էլ համոզվեցին, վերջապես, որ փեսացուներ կարող են հանդիպել նաև արտասահմանում, և որ մի ամառվա ուղևորությունը ոչ միայն չի կարող ոչինչ խափանել, այլ, թերևս, դեռ նույնիսկ նկարող է նպաստել»։ Այստեղ տեղին կլինի հիշատակել, որ Աֆանասի Իվանովիչ Տոցկու և ավագ Եպանչինայի նախագծվող ամուսնությունը բոլորովին խափանվեց, և Տոցկու ձևական առաջարկությունը բնավ տեղի չունեցավ։ Դա պատահեց մի տեսակ ինքն իրեն, առանց մեծ խոսակցությունների և առանց որևէ, ընտանեկան պայքարի։ Իշխանի մեկնելուց ի վեր հանկարծ ամեն ինչ լռեց երկու կողմից էլ։ Ահա այս հանգամանքն էլ մասամբ մտավ Եպանչինների ընտանիքում այն ժամանակ տիրող ծանր տրամադրության պատճառների շարքը, թեև գեներալի կինը դեռ այն ժամանակ ասաց, որ ինքն հիմա ուրախ է «երկու ձեռքով երեսը խաչ հանել»։ Գեներալը թեև շնորհազրկված էր և զգում էր, որ մեղավորն ինքն է, բայց և այնպես երկար ժամանակ նեղացած էր. նա ափսոսում էր Աֆանասի Իվանովիչին. «այդպիսի կարողության տեր և այդպիսի ճարպիկ մարդ»։ Շատ չանցած գեներալն իմացավ, որ Աֆանասի Իվանովիչը գերվել է բարձր հասարակությանը պատկանող մի ֆրանսուհով, որ մարկիզուհի և լեգիտիմիստուհի էր, որ ամուսնությունը կկայանա և որ Աֆանասի Իվանովիչին կտանեն Փարիզ, իսկ հետո ուր-որ Բրետան։ «Է՛, ֆրանսուհու հետ կկորչի»,— վճռեց գեներալը։
 +
 +
Իսկ Եպանչինները պատրաստվում էին ամառը մեկնել։ Եվ հանկարծ տեղի ունեցավ մի հանգամանք, որը նորից ամեն ինչ խառնեց նոր ձևով և մեկնումը նորից հետաձգվեց ի մեծ ուրախություն գեներալի և գեներալի կնոջ։ Պետերբուրգ շնորհ բերեց մի իշխան, իշխան Շչ֊ն, ի դեպ, հայտնի մարդ, և հայտնի շատ և շատ դրական տեսակետից։ Դա մեկն էր վերքին ժամանակվա այն մարդկանցից, կամ նույնիսկ, կարելի է ասել, գործիչներից, ազնիվ, համեստ, որոնք անկեղծորեն ու գիտակցաբար ցանկանում են օգտակարը. միշտ աշխատում են և աչքի են ընկնում այն հազվագյուտ ու երջանիկ հատկությամբ, որ միշտ գտնում են աշխատանք։ Առանց ցուցադրվելու, խուսափելով կուսակցությունների անողոքությունից ու դատարկաբանությունից, իրեն չհամարելով առաջինների շարքում, իշխանը, սակայն, չափազանց հիմնավորապես շատ բան էր իմացել վերջին ժամանակներս կատարվածից։ Նա առաջ ծառայում էր, հետո սկսեց մասնակցել նաև զեմստվային գործունեությանը։ Բացի այդ, ռուսական մի քանի գիտական ընկերությունների օգտակար թղթակից էր։ Մի ծանոթ տեխնիկի հետ միացած, հավաքած տեղեկություններով ու հետազոտություններով օժանդակում էր նախագծվող կարևորագույն երկաթուղիներից մեկի ավելի ճիշտ ուղղությանը։ Նա մոտ երեսունհինգ տարեկան էր։ Նա «ամենաբարձր հասարակությանը պատկանող» մարդ էր և, բացի այդ «լավ, լուրջ, անվիճելի» կարողության տեր, ինչպես արտահայտվեց գեներալը, առիթ ունենալով մի բավական լուրջ գործով հանդիպել ու ծանոթանալ իշխանի հետ իր պետի՝ կոմսի տանը։ Իշխանը մի որոշ առանձնահատուկ հետաքրքրությունից մղված, երբեք չէր խուսափում ռուս «գործարար մարդկանց» հետ ծանոթանալուց։ Այնպես պատահեց, որ իշխանը ծանոթացավ նաև գեներալի ընտանիքի հետ։ Ադելաիդա Իվանովնան, երեք քույրերից միջնակը, նրա վրա բավական ուժեղ տպավորություն գործեց։ Գարնան կողմ իշխանը բացատրվեց։ Ադելաիդային նա շատ դուր եկավ, դուր եկավ նաև Լիզավետա Պրոկոֆևնային։ Գեներալը շատ ուրախ էր։ Ինքնին հասկանալի է, ուղևորությունը հետաձգվեց։ Հարսանիքը նշանակված էր գարնանը։
 +
 +
Ասենք, ուղևորությունը կարող էր լինել և ամառվա կեսին և վերջին, թեկուզ մեկ կամ երկու ամսով, որպես զբոսանք Լիզավետա Պրոկոֆևնայի ու նրա հետ մնացած երկու աղջիկների, որպեսզի փարատեին այն թախիծը, որ պատճառելու էր Ադելաիդան, նրանցից բաժանվելով։ Բայց դարձյալ մի նոր բան պատահեց, արդեն գարնան վերջին (Ադելաիդայի հարսանիքը մի քիչ դանդաղել էր և հետաձգված էր մինչև ամառվա կեսը) իշխան Շչ֊ն Եպանչինների տուն բերեց իր հեռավոր ազգականներից մեկին, որին, սակայն, բավական լավ ճանաչում էր։ Դա ոմն Եվգենի Պավլովիչ Ռ-ն էր, դեռ երիտասարդ, մոտ քսանութ տարեկան, ֆլիգել-ադյուտանտ, գեղեցկության տիպար, «ազնվական տոհմից», սրամիտ, փայլուն, «նոր», «չափազանց կրթված», և արդեն ինչ֊որ չլսված չափերի հարստության տեր մի մարդ։ Այդ վերջին կետի վերաբերյալ գեներալը միշտ զգույշ էր։ Նա տեղեկություններ հավաքեց. «Իրոք մի այդպիսի բան կա, սակայն դեռ պետք է պարզել»։ Այդ երիտասարդը ու «ապագա խոստացող» ֆլիգել-ադյուտանտը Եպանչինների աչքին խիստ բարձրացել էր շնորհիվ այն կարծիքի, որ Մոսկվայից հայտնել էր Բելոկոնսկայան։ Միայն նրա մասին համբավ էր տարածված մի որոշ փափուկ հարցի շուրջը. մի քանի կապեր և, ինչպես հավատացնում էին, «հաղթանակներ» ինչ֊որ դժբախտ սրտերի նկատմամբ։ Ագլայային տեսնելով, նա Եպանչինների տանը դարձավ արտասովոր նստակյաց։ Ճիշտ է, դեռ ոչինչ չէր ասված, նույնիսկ ոչ մի ակնարկ չէր արված, բայց, համենայն դեպս, ծնողներին թվում էր, որ այս ամառ արտասահմանյան ուղևորության մասին մտածելն ավելորդ է։
 +
 +
Ագլայան ինքը գուցե և այլ կարծիքի էր։
 +
 +
Դա տեղի էր ունենում արդեն մեր պատմության բեմի վրա մեր հերոսի երկրորդ անգամ հայտնվելու համարյա հենց սկզբին։ Արտաքինից դատելով, այդ ժամանակ Պետերբուրգում արդեն բոլորովին մոռացել էին խեղճ իշխան Միշկինին։ Եթե նա հիմա հանկարծ հայտնվեր նրան ճանաչողների մեջ, ապա կարծես երկնքից ընկած կլիներ։ Այսուհանդերձ մինչ այդ կհայտնենք մի փաստ ևս ու դրանով կավարտենք մեր ներածությունը։
 +
 +
Կոլյա Իվոլգինը իշխանի մեկնելուց հետո սկզբում շարունակում էր իր առաջվա կյանքը, այսինքն՝ գնում էր գիմնազիա, այցելում էր իր բարեկամ Իպոլիտին, հետևում էր գեներալին և տնտեսության մեջ օգնում Վարյային, այսինքն՝ կատարում էր նրա բոլոր ցանկությունները։ Բայց կենվորներն արագ անհայտացան. Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ տեղի ունեցած արկածից երեք օր հետո Ֆերդիշչենկոն տեղափոխվեց չգիտես ուր և բավական շուտով կորավ, այնպես, որ նրա մասին լռեց ամենայն լուր. ասում էին, բայց ոչ հաստատ, որ մի տեղ խմում է։
 +
 +
Իշխանը մեկնեց Մոսկվա, կենվորների հարցը փակված էր։ Հետագայում, երբ արդեն Վարյան ամուսնացավ, Նինա Ալեքսանդրովնան ու Գանյան նրա հետ փոխադրվեցին Պտիցինի մոտ, Իզմայլովյան գունդ, ինչ վերաբերում է գեներալ Իվոլգինին, ապա նրան գրեթե հենց նույն ժամանակ մի բոլորովին չնախատեսված բան պատահեց, նրան կալանատուն նստեցրին։ Նրան այդտեղ ուղարկողը իր բարեկամուհին՝ կապիտանի կինն էր, որին տարբեր ժամանակներ մոտ երկու հազարի արժողության փաստաթղթեր էր տվել։ Այդ բոլորը նրա համար կատարյալ անակնկալ էր եղել, և խեղճ գեներալը «իսկական զոհ էր, ընդհանրապես ասած, մարդկային սրտի ազնվության վերաբերյալ իր անչափելի հավատի»։ Փոխառական պարտագրեր ու մուրհակներ ստորագրելու հանգստացուցիչ սովորություն ընդունելով, նրա մտքովն իսկ չէր անցնում, որ դրանք թեկուզ երբևէ կարող են ներգործություն ունենալ, միշտ մտածում էր, որ դա հենց ''այնպես է''։ Պարզվեց, որ ''այդպես չէ''։
 +
 +
«Սրանից հետո հավատա մարդկանց, ցույց տուր ազնիվ դյուրահավատություն»,— վշտալի բացականչում էր նա, գինու շիշն առաջին՝ նստած Տարասովի տանը նոր բարեկամների հետ և նրանց անեկդոտներ պատմելով Կարսի պաշարման և հարություն առած զինվորի մասին։ Ի դեպ նա սկսեց հիանալի կյանք վարել։ Պտիցինն ու Վարյան ասում էին, դա իսկական նրա տեղն է որ կա․ Գանյան լիովին հաստատեց այդ։ Միայն խեղճ Նինա Ալեքսանդրովնան էր թաքուն դառնագին լալիս (որ նույնիսկ զարմացնում էր տնեցիներին) և, շարունակ տկար լինելով հանդերձ, որքան կարող էր հաճախակի, քարշ էր գալիս Իզմայլովյան գունդ, ամուսնու հետ տեսակցության։
 +
 +
Բայց «գեներալին պատահած դեպքից» ի վեր, ինչպես արտահայտվում էր Կոլյան, և առհասարակ քրոջ ամուսնանալուց ի վեր Կոլյան համարյա բոլորովին անհնազանդ էր դարձել և այնտեղ էր հասել, որ վերջին ժամանակները նույնիսկ հազվադեպ էր տուն գալիս գիշերելու։ Ըստ լուրերի, նա բազմաթիվ նոր ծանոթություններ էր հաստատել․ բացի այդ, շատ հայտնի էր դարձել նաև կալանատանը։ Նինա Ալեքսանդրովնան այնտեղ առանց նրա չէր էլ կարող յոլա գնալ, իսկ տանը հիմա նրան չէին անհանգստացնում նույնիսկ հետաքրքրվելով, թե նա ինչով է զբաղվում։ Վարյան, որ առաջ այնքան խիստ էր վարվում նրա հետ, հիմա նրա թափառումների մասին ամենաչնչին հարցաքննության էլ չէր ենթարկում։ Իսկ Գանյան, ի մեծ զարմանս տնեցիների, չնայած իր ողջ մելամաղձությանը, խոսում և նույնիսկ երբեմն բոլորովին ընկերաբար մտերմանում էր նրան, մի բան, որ բոլորովին չէր լինում առաջ, քանի որ քսանյոթամյա Գանյան բնականաբար ոչ մի մտերմական ուշադրություն չէր դարձնում իր տասնհինգամյա եղբոր վրա, հետը կոպիտ էր վարվում, բոլոր տնեցիներից միայն խստություն էր պահանջում նրա նկատմամբ և շարունակ սպառնում էր «նրա ականջները քաշել», որը Կոլյա յին հանում էր «մարդկային համբերության վերջին սահմաններից»։ Կարելի էր կարծել, որ հիմա Կոլյան երբեմն նույնիսէլ անհրաժեշտ էր լինում Գանյային։ Կոլյային շատ էր զարմացրել, որ նա այն ժամանակ վերադարձրել էր փողերը, դրա համար նա պատրաստ էր շատ բան ներել եղբորը։
 +
 +
Իշխանի մեկնելուց անցել էր մոտ երեք ամիս, և Իվոլգինների ընտանիքում իմացան, որ Կոլյան հանկարծ ծանոթացել է Եպանչինների հետ և շատ լավ է ընդունվել օրիորդների կողմից։ Վարյան շուտով իմացավ այդ մասին, ի դեպ, Կոլյան ծանոթացել էր ոչ թե Վարյայի միջոցով, այլ «ինքն իր կողմից»։ Կամաց֊կամաց Եպանչինների տանն սկսեցին սիրել նրան։ Գեներալի կինն սկզբում շատ դժգոհ էր նրանից, բայց շուտով սկսեց փաղաքշել նրան «անկեղծության և այն բանի համար, որ չի շողոքորթում»։ Որ Կոլյան չէր շողոքորթում, դա միանգամայն իրավացի էր, նա կարողացավ նրանց հետ միանգամ այն հավասարի և անկախ դիրք բռնել, թեև երբեմն գեներալի կնոջ համար գրքեր ու լրագրեր էր կարդում. բայց նա միշտ էլ պատրաստակամ էր։ Ասենք, նա մի երկու անգամ թունդ կռվեց Լիղավետա Պրոկոֆևնայի հետ, հայտարարեց նրան, որ նա բռնակալ է և որ ինքը ոտք չի դնի նրա տունը։ Առաջին անդամ վեճ ծագեց «կանանց հարցի» պատճառով, իսկ երկրորդ անգամ այն հարցի պատճաոով, թե տարվա ո՞ր եղանակին լավ է որսալ ազնվասարեկներ։ Որքան էլ տարօրինակ լինի, բայց վիճաբանությունից երեք օր հետո գեներալի կինը սպասավորի միջոցով նրան մի տոմսակ ուղարկեց, խնդրելով, որ անպայման շնորհ բերի. Կոլյան չէր կոտրատվում և անմիջապես ներկայացավ։ Չգիտես ինչու, միայն Ագլայան լավ չէր տրամադրված դեպի նա և վերևից էր նայում նրա վրա։ Բայց Կոլյային վիճակված էր հենց նրան մասամբ զարմացնել։ Մի անգամ, դա զատկի տոներին էր, որսալով մի րոպե, երբ մենակ էին, Կոլյան Ագլայային մի նամակ հանձնեց, ասելով միայն, որ պատվիրված է հանձնել միմիայն նրան։ Ագլայան սպառնագին նայեց «անձնապաստան անպիտան տղային», բայդ Կոլյան չսպասեց ու դուրս գնաց։ Ագլայան նամակը բացեց ու կարդաց.
 +
 +
«Մի ժամանակ դուք ինձ պատիվ արիք ձեր վստահությամբ։ Կարող է պատահել, դուք հիմա բոլորովին մոռացել եք ինձ։ Ինչպե՞ս պատահեց, որ գրում եմ ձեզ։ Չգիտեմ, բայց իմ մեջ անզուսպ ցանկություն ծագեց ձեզ հիշեցնել իմ մասին, և հատկապես ձեզ։ Քանի անգամ դուք երեքդ էլ ինձ շատ պետք եք եղել, բայց բոլոր երեքիցդ ես տեսել եմ միայն ձեզ։ Դուք ինձ պետք եք, շատ եք պետք։ Ես ոչինչ չունեմ ձեզ գրելու իմ մասին, ոչինչ չունեմ պատմելու։ Ես այդ չէի էլ ուզում. ես սաստիկ կցանկանայի, որ դուք երջանիկ լինեիք; Արդյոք երջանի՞կ եք։ Ահա հենց միայն այս էի ուզում ասել ձեզ։ ''Ձեր եղբայր իշխ. Լ. Միշկին''»։
 +
 +
Այս կարճառոտ և բավական անկապ տոմսակը կարդալով, Ագլայան հանկարծ ամբողջովին շիկնեց և մտածմունքի մեջ ընկավ։ Մեզ համար դժվար կլիներ հաղորդել նրա մտքերի ընթացքը։ Ի միջի այլոց նա հարցրեց իրեն. «Որևէ մեկին ցույց տա՞ արդյոք»։ Նա մի տեսակ ամաչում էր։ Սակայն, ի վերջո, ծաղրական ու տարօրինակ ժպիտով նամակը նետեց իր սեղանի արկղը։ Հաջորդ օրը նորից հանեց ու դրեց մի հաստ, ամուր կազմով գրքի մեջ (նա միշտ էլ այդպես էր վարվում իր թղթերի հետ, որպեսզի արագ գտներ, երբ պետք գար)։ Եվ արդեն միայն մի շաբաթ հետո առիթ ունեցավ ուշք դարձնելու, թե ինչ գիրք էր այդ։ Դա «Դոն-Կիխոտ Լամանչեցին» էր։ Ագլայայի ծիծաղը սաստիկ բռնեց, հայտնի չէ ինչու։
 +
 +
Հայտնի չէ նաև, թե արդյոք նա իր ստացածը ցույց տվե՞ց քույրերից որևէ մեկին։
 +
 +
Բայց դեռ նամակը կարդալիս, հանկարծ նրա մտքով անցավ. մի՞թե իշխանը այդ անձնապաստան անպիտան տղային, այդ պոռոտախոսին է ընտրել թղթակից և ով գիտե, նրա այստեղի միակ թղթակիցն է։ Թեև, արտասովոր արհամարհոտ տեսքով, բայց և այնպես նա Կոլյային հարցաքըննության ենթարկեց։ Բայց միշտ վիրավորվող «անպիտան տղան» այս անգամ ամենափոքր իսկ ուշադրություն չդարձրեց արհամարհանքին. չափազանց կարճ և բավական չոր բացատրեց Ագլայային, որ թեև ինքը համենայն դեպս իր մշտական հասցեն հայտնել էր իշխանին Պետերբուրգից նրա մեկնելուց անմիջապես առաջ և ընդսմին առաջարկել էր իր ծառայությունները, բայց որ սա առաջին հանձնարարությունն է, որ նա ստացել է իշխանից և իրեն ուղղած նրա առաջին տոմսակը, իսկ որպես ապացույց իր խոսքերի ներկայացրեց նաև նամակը, որ անձամբ ինքն էր ստացել։ Ագլայան անհարմար չզգաց ու կարդաց։ Կոլյային ուղղած նամակում ասված էր.
 +
 +
«Սիրելի Կոլյա, բարի եղեք, սրան առընթեր կնքած նամակը հանձնեցեք Ագլայա Իվանովնային։ Ողջ լերուք։ ''Ձեզ սիրող իշխ. Լ. Միշկին''»։
 +
 +
— Համենայն դեպս ծիծաղելի է այսպիսի փուչիկին վստահելը,— վիրավորված արտասանեց Ագլայան, Կոլյային հանձնելով տոմսակը և արհամարհաբար անցավ նրա մոտով։
 +
 +
Դրան արդեն չէր կարող դիմանալ Կոլյան. այնինչ նա հատկապես այդ դեպքի առթիվ Գանյայից խնդրել էր, առանց պատճառը նրան բացատրելու, և վիզը գցել նրա դեռ բոլորովին նոր կանաչ շարֆը։ Նա չարաչար վիրավորվեց։
 +
 +
=== II ===
 +
 +
Հունիսի սկիզբն էր, և Պետերբուրգում ահա արդեն մի ամբողջ շաբաթ բացառիկ լավ եղանակ էր։ Եպանչինները սեփական հարուստ ամառանոց ունեին Պավյովսկում։ Լիզավետա Պրոկոֆևնան հանկարծ տակն ու վրա եղավ ու տեղից շարժվեց, երկու օր էլ դեսդեն չընկած, տեղափոխվեցին։
 +
 +
Եպանչինների փոխադրվելու հաջորդ թե երրորդ օրը առավոտյան գնացքով Մոսկվայից ժամանեց նաև իշխան Լև Նիկոլաևիչ Միշկինը։ Կայարանում նրան ոչ ոք չդիմավորեց, բայց վագոնից դուրս գալիս գնացքով ժամանածներին պաշարած ամբոխի մեջ հանկարծ նրա աչքին երևաց ինչ-որ մեկի զույգ աչքերի տարօրինակ, բորբոքված հայացքը։ Ավելի ուշադիր նայելով, նա այլևս ոչինչ չջոկեց։ Իհարկե, միայն աչքին էր երևացել, բայց տհաճ տպավորություն մնաց։ Ընդսմին իշխանն առանց այդ էլ տխուր ու մտախոհ էր և թվում էր ինչ֊որ բանով մտահոգված։
 +
 +
Կառապանը նրան հասցրեց Լիտեյնայայից ոչ հեռու գտնվող մի հյուրանոց։ Հյուրանոցը վատն էր։ Իշխանն զբաղեցրեց երկու փոքրիկ, խավար ու վատ կահավորված սենյակ, լվացվեց, հագնվեց, ոչինչ չպահանջեց ու շտապ դուրս եկավ, կարծես վախենալով կորցնել ժամանակը կամ ինչ-որ մեկին տանը չգտնել։
 +
 +
Եթե նրա առաջին գալստյանը՝ կես տարի առաջ Պետերբուրգում նրան ճանաչողներից որևէ մեկը նրան տեսներ, ապա թերևս կեզրակացներ, որ նա արտաքուստ շատ է փոխվել դեպի լավը։ Բայց հազիվ թե դա այդպես էր։ Միայն զգեստի մեջ էր լիակատար վափոխություն. ամբողջ հագուստն ուրիշ էր, Մոսկվայում լավ դերձակի կարած, բայց հագուստի մեջ էլ թերություն կար. չափից ավելի մոդայով էր կարված (ինչպես միշտ կարում են բարեխիղճ, բայց ոչ այնքան տաղանդավոր դերձակները), այն էլ այնպիսի մարդու համար, որը դրանով բոլորովին չէր հետաքրքրվում, այնպես որ իշխանին ուշադիր նայելիս, ծիծաղելու շատ սիրահար որևէ մեկը գուցե և ժպտալու մի բան գտներ։ Բայց ինչի՞ց ասես մարդու ծիծաղը չի գալիս։
 +
 +
Իշխանը կառք վերցրեց և ուղևորվեց Պեսկի։ Ռոժդեստվենսկայա փողոցներից մեկում նա շուտով գտավ մի ոչ մեծ փայտաշեն տնակ։ Ի զարմանս նրա, այդ տնակի տեսքը գեղեցիկ էր, մաքուր, տիրում էր խիստ կարգ ու կանոն, նախապարտեզ ուներ, որտեղ ծաղիկներ էին աճում։ Դեպի փողոց նայող լուսամուտները բաց էին և այնտեղից լսվում էր անընդհատ սուր խոսակցություն, գրեթե բղավոց, կարծես մեկը բարձրաձայն կարդում էր կամ նույնիսկ ճառ էր արտասանում. ձայնը երբեմն ընդհատվում էր մի քանի, զրնգուն ձայների ծիծաղով։ Իշխանը բակ մտավ, բարձրացավ անդաստակ և հարցրեց պարոն Լեբեդևին։
 +
 +
— Ահա նա,— պատասխանեց դուռը բացող խոհարարուհին, որի թևքերը քշտած էին մինչև արմունկները, և մատով ցույց տվեց «հյուրասենյակը»։
 +
 +
Այդ հյուրասենյակում, որը պատած էր մուգ երկնագույն թղթով և կահավորված էր մաքուր ու որոշ հավակնություններով, այսինքն՝ կար կլոր սեղան ու բազմոց, ծածկույթի տակ դրած բրոնզե ժամացույց, լուսամուտների միջև պատամասին կախած էր նեղլիկ հայելի և առաստաղից բրոնզե շղթայիկով կախած էր ապակեզարդ հնագույն փոքրիկ ջահ, այդ սենյակի մեջտեղում կանգնած էր պարոն Լեբեդևն ինքը, մեջքն արած ներս մտնող իշխանի կողմը, ժիլետով, բայց առանց վերնազգեստի, ամառային ձևով, և, կուրծքը ծեծելով, դառնագին ճարտասանում էր ինչ-որ թեմայով։ Ունկնդիրներն էին՝ մոտ տասնհինգամյա մի տղա, բավական զվարթ ու խելացի դեմքով և գիրքը ձեռքին, ամբողջովին սևեր հագած և մի ծծկեր երեխա գրկած մոտ քսանամյա մի աղջիկ, մի տասներեքամյա աղջիկ, նույնպես սգազգեստով, որը սաստիկ ծիծաղում էր, բերանը շատ լայն բացելով, և, վերջապես, բազմոցին պառկած մի չափազանց տարօրինակ ունկնդիր, բավական գեղեցիկ, թխավուն, մոտ քսանամյա մի երիտասարդ, երկար, խիտ մազերով, խոշոր սև աչքերով, փոքրիկ այտամորուսների ու մորուքի հավակնությամբ։ Այդ ունկնդիրը, թվում է, հաճախ էր ընդմիջում և վիճարկում ճարտասանող Լեբեդևին. հավանաբար հենց դրա վրա էր ծիծաղում մնացած բազմությունը։
 +
 +
— Լուկյան Տիմոֆեյիչ, այ Լուկյան Տիմոֆեյիչ։ Մի տես, է՜։ Դե այս կողմը նայիր... Էհ, գրողը տանի ձեզ։
 +
 +
Եվ խոհարարուհին հեռացավ, ձեռքերը թափահարելով ու այնպես բարկացած, որ նույնիսկ ամբողջովին կարմրատակեց։
 +
 +
Լեբեդևը ետ նայեց և, իշխանին տեսնելով, միառժամանակ կանգ առավ շանթահարի պես, հետո նետվեց դեպի նա՝ ստորաքարշ ժպիտը դեմքին, բայց ճանապարհին կարծես նորից քարացավ, ի դեպ, արտասանելով.
 +
 +
— Ամ֊ամ֊ամենապայծառափա՜յլ իշխան։
 +
 +
Բայց հանկարծ, կարծես դեռես ի վիճակի չլինելով հարմար ձև գտնել, շուռ եկավ և չգիտես ինչու հարձակվեց նախ սևեր հագած և երեխա գրկած աղջկա վրա, այնպես, որ նա նույնիսկ մի քիչ ընկրկեց անսպասելիությունից, բայց անմիջապես նրան թողնելով վրա պրծավ հաջորդ սենյակի շեմքին ցցված տասներեքամյա աղջկանը, որը դեռ շարունակում էր ժպտալ քիչ առաջվա ծիծաղի մնացորդներով։ Սա չդիմացավ բղավոցին և անմիջապես վստաց խոհանոց. Լեբեդևը նույնիսկ ոտները դոփեց նրա հետևից, ավելի խիստ սաստելու համար, բայց հանդիպելով իշխանի հայացքին, որը նայում էր շփոթված, ի բացատրություն ասաց.
 +
 +
— ...Հարգալիրության համար, հի՜֊հի՜֊հի՜։
 +
 +
— Այդ բոլորր իզուր տեղն եք անում...— սկսեց իշխանը։
 +
 +
— Իսկույն, իսկույն, իսկույն... փոթորկի պե՜ս։
 +
 +
Ու Լեբեդևն արագ չքացավ սենյակից։ Իշխանը զարմացած նայեց աղջկան, տղային և բազմոցի վրա պառկածին. նրանք բոլորը ծիծաղում էին։ Իշխանն էլ ծիծաղեց։
 +
 +
— Գնաց ֆրակը հագնելու,— ասաց տղան։
 +
 +
— Ինչ ցավալի է այս ամենը,— սկսեց իշխանը,— իսկ ես կարծում էի... ասացեք, նա...
 +
 +
— Հարբա՞ծ է, կարծում եք,— հնչեց մի ձայն բազմոցից,— ամենևի՜ն։ Այնպես մի երեք-չորս, դե, շատ-շատ հինգ կա, բայց դա ի՛նչ է որ, կա՛րգ է։
 +
 +
Իշխանն ուզեց դիմել բազմոցից հնչող ձայնին, բայց խոսել սկսեց աղջիկը և իր սիրունիկ դեմքի ամենաանկեղծ արտահայտությամբ ասաց.
 +
 +
— Նա առավոտները երբեք շատ չի խմում. եթե դուք նրա մոտ որևէ գործով եք եկել, հենց հիմա ասացեք։ Իսկական ժամանակն է։ Երեկոյան կողմ, երբ վերադառնում է, այն ժամանակ գինով է լինում, այն էլ հիմա ավելի շատ քնելուց առաջ լալիս ու մեզ համար բարձրաձայն կարդում է սուրբ գրքից, որովհետև ընդամենը հինգ շաբաթ է, ինչ մեր մայրիկը մեռել է։
 +
 +
― Նրա փախչելու պատճառն այն էր, որ հավանաբար դժվարացավ ձեզ պատասխան տալ,— ծիծաղեց բազմոցին պառկած երիտասարդը։— Գրազ կգամ, որ նա արդեն ձեզ խաբում է և հենց հիմա է մտմտում, թե ինչպես անի։
 +
 +
― Ընդամենը հինգ շաբա՜թ է։ Ընդամենը հինգ շաբա՜թ է,— վրա բերեց Լեբեդևը, վերադառնալով արդեն ֆրակ հագած, աչքերը թարթելով և գրպանից դուրս քաշելով թաշկինակը, արցունքները սրբելու համար,— ո՜րբ ենք։
 +
 +
― Այդ ինչ է, ամբողջովին ծակծկված դուրս եկաք,— ասաց աղջիկը,— ախր ձեր նոփ-նոր սերթուկը այնտեղ դռան հետևում է, չտեսա՞ք, ինչ է։
 +
 +
— Ձե՛նդ, ճպուռ,— բղավեց նրա վրա Լեբեդևը։— Տես, հա՜,— ոտները դոփելով նրան սաստեց հայրը։ Բայց այս անգամ աղջիկը միայն ծիծաղեց։
 +
 +
— Ի՞նչ եք վախեցնում, ես հո Տանյան չեմ, չեմ փախչի։ Իսկ Լյուբոչկային, իսկապես որ կզարթեցնեք, մեկ էլ տեսար՝ թալալ կկպչի․․․ Ի՞նչ եք բղավում։
 +
 +
— Չէ֊չէ֊չէ՜։ Լեզուդ չորանա, լեզուդ չորանա․․․― հանկարծ սարսափելի վախեցավ Լեբեդևը և նետվելով դեպի դստեր ձեռների վրա քնած երեխան, մի քանի անգամ վախեցած տեսքով խաչակնքեց նրան։— Տեր, պահի՜ր, տեր, պահպանի՜ր։ Սա իմ սեփական ծծկեր երեխան է, Լյուբով՝ աղջիկս,— դարձավ նա իշխանին,— և ծնվել է ամենաօրինական ամուսնությունից, նոր վախճանված կնոջիցս՝ Ելենայից, որը մեռավ ծննդաբերությունից։ Իսկ այս պուճուրիկը աղջիկս է, Վերան, սուգ է պահում... իսկ սա, սա, օ, սա...
 +
 +
— Հը, կա՞պ ընկար,— բղավեց երիտասարդը,— շարունակիր, մի ամաչիր։
 +
 +
— Ձերդ պայծառափայլություն,— ինչ-որ եռանդով հանկարծ բացականչեց Լեբեդևը,— բարեհաճե՞լ եք թերթերում հետևել Ժեմարինների ընտանիքի սպանությանը։
 +
 +
— Կարդացել եմ,— որոշ զարմանքով ասաց իշխանը։
 +
 +
— Դե, ահա սա Ժեմարինների ընտանիքի իսկական սպանողն է, որ կա։
 +
 +
— Ի՜նչ եք ասում,— ասաց իշխանը։
 +
 +
— Այսինքն, այլաբանորեն ասած, ապագա երկրորդ մարդասպանը Ժեմարինների ապագա երկրորդ ընտանիքի, եթե այդպիսին լինի։ Այստեղ է ասված...
 +
 +
Բոլորը ծիծաղեցին։ Իշխանի մտքով անցավ, որ գուցե իսկապես էլ Լեբեդևը միայն նրա համար է կուչուձիգ անում ու ծռմռվում, որ նախազգալով նրա հարցերը, չգիտի, թե ինչպես պատասխանի դրանց, և ժամանակ է շահում։
 +
 +
— Ըմբոստանում է։ Դավադրություններ է սարքում,— բղավում էր Լեբեդևը, կարծես թե արդեն անզոր լինելով ինքն իրեն զսպելու,— դե, կարո՞ղ եմ ես, դե, իրավունք ունե՞մ ես այսպիսի չարալեզվին, այսպիսի, կարելի է ասել, շնացողին ու ճիվաղին հարազատ ազգականս, հանգուցյալ քրոջս՝ Անիսյայի միակ որդին համարել։
 +
 +
— Դե վերջ տուր, հարբած մարդ։ Կհավատա՞ք, իշխան, հիմա նրա խելքին փչել է փաստաբանությամբ զբաղվել, դատարկ հայցերով, սկսել է ճարտասանություն անել և տանը երեխաների հետ շարունակ վերամբարձ ոճով է խոսում։ Հինգ օր առաջ հաշտարար դատավորների առաջ էր խոսում։ Եվ ո՜ւմ էր հանձն առել պաշտպանելու. ո՛չ թե այն պառավին, որը նրան խնդրում-աղաչում էր, և որին սրիկա վաշխառուն կողոպտել էր, յուրացրել էր նրա ամբողջ ունեցածը՝ հինգ հարյուր ռուբլին, այլ հենց այդ վաշխառուին, ինչ-որ ջհուդ Զայդլերի, նրա համար, որ նա հիսուն ռուբլի էր խոստացել սրան..»
 +
 +
— Հիսուն ռուբլի, եթե շահեմ, և միայն հինգ, եթե տանուլ տամ,— բացատրեց հանկարծ Լեբեդևը բոլորովին այլ ձայնով, քան խոսում էր մինչև հիմա, այնպես, կարծես թե բոլորովին չէր բղավել։
 +
 +
— Եվ իհարկե, հիմարություններ դուրս տվեց, հին ժամանակներր չեն հիմա, այնտեղ վրան ծիծաղեցին միայն։ Բայց սա անասելի գոհ մնաց ինքն իրենից. հիշեցեք, ասում է, անաչառ պարոնայք դատավորներ, որ ոտներից զրկված, ազնիվ աշխատանքով ապրող վշտոտ ծերունին զրկվում է հացի վերջին պատառից. հիշեցեք օրենսդրի իմաստուն խոսքերը. «Թող դատարաններում իշխի ողորմածությունը»։ Եվ կհավատա՞ք, ամեն առավոտ նա այստեղ մեզ համար կրկնում է այդ ճառը, ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես այնտեղ էր ասել, այսօր հինգերորդ անգամն է. հենց ձեր գալուց առաջ կարդում էր, այնքան դուր էր եկել նրան. հաճույքից ինքն իրեն լպստում է։ Էլի ինչ֊որ մեկին պատրաստվում է պաշտպանել։ Դուք, կարծեմ, իշխան Միշկի՞նն եք։ Կոլյան ձեր մասին ինձ. ասում էր, որ ձեզանից ավելի խելոքին մինչև հիմա աշխարհում դեռ չի էլ հանդիպել․․․
 +
 +
— Եվ չկա՜։ Եվ չկա՜։ Եվ աշխարհում չկա ավելի խելոքը,— անմիջապես վրա րերեց Լեբեդևը։
 +
 +
— Է, ասենք, սա ստեց։ Մեկը ձեզ սիրում է, իսկ մյուսը քծնում է ձեր առաջ. իսկ ես բոլորովին մտադիր չեմ ձեզ շողոքորթելու. թող դա հայտնի լինի ձեզ։ Չէ որ դուք անմիտ չեք. ահա դատեցեք ինձ ու նրան։ Դե, ուզո՞ւմ ես, ահա իշխանը մեզ կդատի,— դարձավ նա քեռուն։— Ես նույնիսկ ուրախ եմ, իշխան, որ դուք պատահեցիք։
 +
 +
— Ուզո՛ւմ եմ,— վճռական բղավեց Լեբեդևը և ակամա նայեց բազմությանը, որը նորից սկսել էր հավաքվել։
 +
 +
— Ի՞նչ բանի եք այստեղ,— ասաց իշխանը, կնճռոտվելով։
 +
 +
Նրա գլուխն իսկապես ցավում էր, ըստ որում նա ավելի ու ավելի էր համոզվում, որ Լեբեդևը իրեն խաբում է և ուրախ է, որ գործը հետաձգվում է։
 +
 +
— Գործի շարադրանքը։ Ես նրա ազգականն եմ. այդ նա չստեց, թեև շարունակ ստում է։ Ես դասընթացը չեմ ավարտել, բայց ուզում եմ ավարտել և կպնդեմ այդ, որովհետև հաստատակամություն ունեմ։ Իսկ առայժմ, որպեսզի գոյությունս պահպանեմ, քսանհինգ ռուբլիանոց մի պաշտոն եմ ստանձնում երկաթուղում։ Բացի այդ, խոստովանում եմ, որ նա արդեն մի երկու-երեք անգամ ինձ օգնել է։ Ես քսան ռուբլի ունեի և դա տանուլ տվեցի։ Դե, հավատո՞ւմ եք, իշխան, ես այնքան ցածր, այնքան ստոր եմ եղել, որ տանուլ եմ տվել այդ գումարը։
 +
 +
— Մի սրիկայի, մի սրիկայի, որին պետք էլ չէր վճարել,— բղավեց Լեբեդևը։
 +
 +
― Այո, մի սրիկայի, որին, սակայն, պետք էր վճարել,— շարունակեց երիտասարդը։— Իսկ որ նա սրիկա է, դա ես էլ կհաստատեմ, և ոչ միայն նրա համար, որ նա քեղ ծեծել է։ Դա, իշխան, մի խոտանված սպա է, պաշտոնաթող պորուչիկ, նախկին ռոգոժինյան խմբից և բռնցքամարտ է սովորեցնում։ Նրանք բոլորը հիմա թափառում են, ինչպես որ Ռոգոժինը նրանց վռնդել է։ Բայց ամենից վատն այն է, որ նրա մասին ես գիտեի, որ նա սրիկա է, անպիտան ու գող է, և այսուամենայնիվ նրա հետ նստեցի խաղալու, և որ, վերջին ռուբլին խաղի մեջ տարվելով (մենք ձողիկներ էինք խաղում), ինձուինձ մտածում էի. կտարվեմ՝ քեռի Լուկյանի մոտ կգնամ, կխնդրեմ, չի մերժի։ Սա արդեն ստորություն է, այ սա արդեն իսկ որ ստորությո՜ւն է։ Սա արդեն գիտակցված ստորություն է։
 +
 +
— Այ դա՛ արդեն գիտակցված ստորություն է,— կրկնեց Լեբեդևը։
 +
 +
— Դե, մի ուրախանա, դեռ սպասիր,— վիրավորկան բղավեց ազգականը,— ուրախացա՜վ։ Ես եկա նրա մոտ, իշխան, այստեղ և ամեն ինչ խոստովանեցի. ես ազնիվ վարվեցի, ինքս ինձ չխնայեցի, նրա առաջ ինքս ինձ նախատեցի, ինչպես կարող էի. այստեղ բոլորը վկա են։ Երկաթուղուս այդ տեղը գրավելու համար ինձ հարկավոր է մի կերպ հանդերձավորվել, որովհետև ամբողջովին ցնցոտիների մեջ եմ։ Ահա, կոշիկներիս նայեցեք։ Այլապես հնարավոր չէ այնտեղ գնալ, իսկ եթե նշանակված ժամկետին չներկայանամ, տեղը կգրավի ուրիշը, և այն ժամանակ ես նորից հասարակած կընկնեմ և մեկ էլ ե՜րբ տեղ կգտնեմ։ Հիմա ես նրանից խնդրում եմ ընդամենը տասնհինգ ռուբլի և խոստանում եմ, որ այլևս երբեք չեմ խնդրի և, բացի դրանից, առաջին երեք ամսվա ընթացքում նրան կվճարեմ ամբողջ պարտքս, մինչև վերջին կոպեկը։ Ես խոսքս կպահեմ։ Ես կարող եմ ամբողջ ամիսներ հացով ու կվասով անցկացնել, որովհետև հաստատակամ բնավորություն ունեմ։ Երեք ամսվա ընթացքում ես կստանամ յոթանասունհինգ ռուբլի։ Առաջվանն էլ հետը նրան պարտք կլինեմ ընդամենը երեսունհինգ ռուբլի։ Նշանակում է վճարելու հնարավորություն կունենամ։ Դե, ինչպիսի տոկոս ուզում է նշանակի, գրողի ծոցը։ Ինձ չի ճանաչում, ինչ է։ Հարցրեք նրան, իշխան, առաջ, երբ ինձ օգնում էր, վճարո՞ւմ էի, թե ոչ։ Հապա ինչո՞ւ հիմա չի ուզում։ Չարացել է, որ ես այդ պորուչիկին վճարեցի. ուրիշ պատճառ չկա։ Ահա թե ինչպիսի՜ մարդ է սա, ոչ իրեն, ոչ ուրիշներին։
 +
 +
― Եվ չի՜ դնում,— բղավեց Լեբեդևը,— պառկել է այստեղ ու չի դնում։
 +
 +
― Ես այդպես էլ ասացի քեզ։ Դուրս չեմ գա, մինչև չտաս։ Դուք, կարծես, ժպտո՞ւմ եք, իշխան։ Կարծես ինձ անիրավացի՞ եք համարում։
 +
 +
― Ես չեմ ժպտում, բայց իմ կարծիքով դուք իրոք մի քիչ անիրավացի եք,— դժկամ արձագանքեց իշխանը։
 +
 +
— Դե ուղղակի ասացեք, որ բոլորովին անիրավացի եմ, դեսուդեն մի գցեք. էլ ի՜նչ «մի քիչ» է։
 +
 +
— Եթե ուզում եք՝ ապա բոլորովին անիրավացի եք։
 +
 +
— Եթե ուզո՜ւմ եմ։ Ծիծաղելի՜ է։ Մի՞թե կարծում եք, թե ինքս էլ չգիտեմ, որ փափուկ հանգամանք է այսպես վարվելը, որ փողը նրանն է, կամքն էլ նրանն է, իսկ իմ կողմից բռնություն է ստացվում։ Բայց դուք, իշխան... կյանքը չեք ճանաչում։ Նրանց որ չսովորեցնենք, բան դուրս չի դա։ Սրանց պետք է սովորեցնել։ Չէ՞ որ իմ խիղճը մաքուր է․ խղճի մտոք, ես նրան վնաս չեմ պատճառի, ես տոկոսներով կվերադարձնեմ։ Նա բարոյական բավարարություն նույնպես ստացել է. նա տեսել է իմ ստորացումը։ Էլ ի՞նչ է պետք նրան։ Էլ ինչի՞ պետք պիտի գա, առանց օգուտ բերելու։ Ներեցեք, իսկ նա ի՞նքն ինչ է անում։ Հապա մի հարցրեք, թե ուրիշների հետ ինքն ինչպես է վարվում և ինչպես է խաբում մարդկանց։ Նա ինչո՞վ է այս տունը վաստակել։ Դե, գլուխս կտրել կտամ, եթե նա արդեն չի խաբել ձեզ և արդեն չի մտածել, թե էլի ինչպես խաբի այսուհետև։ Դուք ժպտո՞ւմ եք, չե՞ք հավատում։
 +
 +
— Ինձ թվում է, այս ամենը այնքան էլ չի վերաբերում ձեր գործին,― նկատեց իշխանը։
 +
 +
— Ես ահա արդեն երրորդ օրն է այստեղ պառկած եմ և ինչե՜ր տեսա,— բղավում էր երիտասարդն, առանց լսելու,— պատկերացրեք, որ նա ահա այս հրեշտակին, ահա այս աղջկանը, այժմ որբ, իմ զարմուհուն, իր դստերը, կասկածում է, նրա մոտ ամեն գիշեր սիրելի բարեկամներ է որոնում։ Ծածուկ գալիս է այստեղ ինձ մոտ, իմ բազմոցի տակ էլ է որոնում։ Կասկածամտությունից խելքը թոցրել է. ամեն անկյունում գողեր է տեսնում։ Ամբողջ զիջեր րոպեն մեկ տեղից վեր է թռչում, մեկ պատուհաններն է նայում, թե արդյոք լա՞վ են փակված, մեկ դռներն է փորձում, վառարանի մեջ է նայում, և այսպես գիշերվա ընթացքում մի յոթ անգամ։ Դատարանում սրիկաների կողմն է պահում, իսկ ինքը գիշերը մի երեք անգամ վեր է կենում աղոթքի, ահա այստեղ, դահլիճում, ծնկաչոք, կես ժամ ճակատը հատակին է խփում, և ում համար չի աղոթում, ինչ ողբ ու կոծ ասես չի բարձրացնում հարբած վիճակում։ Կոմսուհի Դյուբարրիի հոգու համար էր աղոթում, ես իմ ականջովս եմ լսել. Կոլյան էլ է լսել, բոլորովին խելքը թռցրել է։
 +
 +
— Տեսնո՞ւմ եք, լսո՞ւմ եք։ թե ինչպես է ինձ խայտառակում, իշխան,― կարմրելով և իսկապես համբերությունը կորցնելով, բղավեց Լեբեդևը։― Բայց չգիտի՞ որ գուցե ես՝ հարբեցողս ու անառակս, կողոպտիչս ու չարագործս, հենց միայն նրա համար արժանավոր եմ, որ ահա այս ծաղր անողին դեռ մանուկ հասակում խանձարուրների մեջ էի պարուրում, և տաշտի մեջ լողացնում էի, և աղքատ, այրիացած քրոջս, Անիսյայի մոտ, ես, նույնպես աղքատ, անքուն գիշերներ էի լուսացնում, նրանց՝ երկու հիվանդին էի խնամում, ցածում դռնապանից փայտ էի գողանում, սրան երգեր էի երգում, մատներս էի շրխկացնում, քաղցած փորով, և ահա դայակություն անելով մեծացրի, իսկ հիմա նա ինձ վրա ծիծա ղում է։ Եվ քո ի՞նչ գործն է, եթե իսկապես էլ կոմսուհի Դյուբարրիի հանգստյան համար ես երբևէ մի անգամ ճակատիս խաչ եմ հանել։ Ես, իշխան, չորս օր առաջ, կյանքումս առաջին անգամ բառարան կարդացի։ Գիտե՞ս արդյոք, թե ինչ բան էր նա, Դյուբարրին։ Ասա, գիտե՞ս, թե ոչ։
 +
 +
— Ըհը՛, մենակ դու ես, որ գիտես,— ծաղրաբար, բայց դժկամ մրթմրթաց երիտասարդը։
 +
 +
— Դա այնպիսի կոմսուհի էր, որը, խայտառակությունից դուրս գալով, թագուհու փոխարեն կառավարում էր և որին մի մեծ կայսրուհի իր սեփական ձեռքով գրած նամակում «ma cousine» էր գրել։ Կարդինալը, պապի նվիրակը, լվե-դյու֊ռուայի<ref>Առավոտյան հագնվելու արարողությունը (ֆրանս.)։</ref> Ժամանակ (գիտե՞ս, թե ինչ բան էր լվե-դյու-ռուան), հանձն առավ նրա մերկ տոտիկներին անձամթ ինքը հագցնել մետարսե պուլպաները, և այն էլ պատիվ համարե-քով, ահա այդւդիսի թարձր ու սրբազան անձնավորությո՜ւնը։ Գա. էքիտե ս այդ։ Երեսիցդ տեսնում եմ, որ չդիտես։ !հե, նա ինչպե ս մեռավ։ Պատասխանիր, եթե դիտես։
 +
 +
— Կորի՛։ Կպել է, պոկ չի գալիս։
 +
 +
— Նա այնպես մեռավ, որ այդպիսի պատվից հետո, այդպիսի նախկին տիրակալուհուն, կառափնարան քարշ տվեց դահիճ Սամսոնը, անմեղ տեղը, ի հաճույս փարիզյան պուասարդուհիների<ref>Պուասարդուհի (ֆրանս. pois sarde բառից) ― առևտրական կին։</ref>, իսկ նա վախից նույնիսկ չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ։ Տեսնում է, որ դահիճը իր վզից բռնած թեքում է դանակի տակ և հարվածներով մոտ է քաշում (իսկ պուասարդուհիները ծիծաղում են), սկսում է բղավել. «Encore սո moment, monsieur le bourreau, encore un moment!» Որը նշանակում է. «Եվս մի րոպե հետաձգեցեք, պարոն բուրրո<ref>Բարրո (ֆրանս. bourreau) — դահիճ։</ref>, ընդամենը մեկ րոպե»։ Եվ ահա, գուցե հենց այդ րոպեին աստված նրան կների, որովհետև այդպիսի միզերից այն կողմ մարդկային հոգին պատկերացնել չի կարելի։ Գիտե՞ս արդյոք, թե ինչ է նշանակում միզեր բառը։ Դե ահա, հենց միզեր է, որ կա։ Մի րոպեի մասին կոմսուհու այդ ճիչից, հենց որ կարդացի, կարծես թե սիրտս աքցանով ճզմեցին։ Եվ քո ի՞նչ գործն է, ճիճու, որ ես գիշերը պառկելով քնելու, աղոթքի ժամանակ մտածեցի հիշել նրան՝ մեծ մեղապարտուհուն։ Գուցե հենց նրա համար հիշեցի, որ աշխարհի սկզբից ի վեր, հավանաբար, նրա համար ոչ ոք երբեք ճակատը չի խաչակնքել և դրա մասին չի էլ մտածել։ Ահա, նրան հաճելի կլինի այն աշխարհում զգալ, որ գտնվել է նրա նման մի մեղապարտ, որը նրա համար գեթ մի անգամ աղոթել է երկրի երեսին։ Ի՞նչ ես ծիծաղում։ Չե՞ս հավատում, աթեիստ։ Իսկ դու որտեղի՞ց դիտես։ Բայց այն էլ սուտ ասացիր, եթե ծածուկ ականջ ես դրել ինձ, ես ոչ թե ուղղակի միայն կոմսուհի Դյուբարրիի համար էի աղոթում. ես այսպես էի կոծում. «Հանգստացրու, տեր, կոմսուհի Դյուբարրիի և բոլոր նրա նմանների հոգին», իսկ սա արդեն բոլորովին այլ բան է, որովհետև շատ կան այդպիսի մեծ մեղապարտուհիներ և ճակատագրի փոփոխության օրինակներ, և տառապյալներ, որոնք հիմա այնտեղ իրարանցման մեջ են, և հառաչում են, և սպասում. ես քեզ համար էլ, ինչպես դու ես, քեզ նման լպիրշների ու վիրավորիչների համար էլ հենց այն ժամանակ աղոթում էի, եթե որոշել էիր ականջ դնել, թե ինչպես եմ աղոթում...
 +
 +
— Դե, հերիք է, բավական է, ում համար ուզում ես, աղոթիր, սատանան քեզ հետ, ձենը գլուխը գցեց,— բարկացած ընդհատեց ազգականը։— Ախր նա խիստ կարդացած է, չգիտեի՞ք, իշխան,— ավելացրեց նա մի տեսակ ամաչկոտ ծաղրով,— հիմա շարունակ ահա այդպիսի զանազան գրքույկներ և մեմուարներ է կարդում։
 +
 +
— Ձեր քեռին համենայն դեպս... անսիրտ մարդ չէ,— դժկամությամբ նկատեց իշխանը։ Նրա համար այդ երիտասարդը չափազանց անհաճո էր դառնում։
 +
 +
— Նրան այդպես գովաբանելով, հավատա, կփչացնեք։ Տեսնո՞ւմ եք, նա արդեն ձեռքն էլ սրտին է դրել, բերանն էլ ծռել է, իսկույն համի ընկավ։ Նա թերևս անսիրտ չի, բայց խաբեբա է, այս է դժբախտությունը, ըստ որում նաև հարբեցող է, ամբողջովին քայքայվել է, ինչպես և մի քանի տարի շարունակ հարբող ամեն ոք, դրա համար էլ նրա ամեն ինչը ճռճռում է։ Երեխաներին, ասենք, նա սիրում է, հանգուցյալ քեռակնոջս հարգում էր... նույնիսկ ինձ սիրում է և ախր, աստված վկա, կտակի մեջ ինձ մաս է թողել...
 +
 +
— Ո-ո՛չինչ չեմ թողնի,— դաժանացած բղավեց Լեբեդևը։
 +
 +
— Լսեցեք, Լեբեդև,— հաստատ ասաց իշխանը, երեսը շրջելով երիտասարդից,— ախր ես փորձով գիտեմ, որ դուք գործնական մարդ եք, երբ ուզում եք... Ես հիմա շատ քիչ ժամանակ ունեմ և եթե դուք... ներեցեք, ինչպե՞ս է ձեր անուն-հայրանունը, մոռացել եմ։
 +
 +
— Տի֊Տի֊Տիմոֆեյ։
 +
 +
― Ե՞վ։
 +
 +
— Լուկյանովիչ։
 +
 +
Բոլոր սենյակում գտնվողները նորից ծիծաղեցին։
 +
 +
— Խաբե՜ց,— ճչաց ազգականը,— այստեղ էլ խաբեց։ Նրա անունը, իշխան, բոլորովին էլ Տիմոֆեյ Լուկյանովիչ չէ, այլ Լուկիան Տիմոֆեևիչ է։ Դե, ասա, ինչո՞ւ խաբեցիր։ Դե, քեզ համար մեկ չի՞, Լուկյան է, թե Տիմոֆեյ և դա իշխանի ի՛նչ գործն է։ Ախր միայն սովորությունից է խաբում, հավատացնում եմ ծեզ։
 +
 +
— Մի՞թե ճիշտ է,— անհամբեր հարցրեց իշխանը։
 +
 +
— Լուկյան Տիմոֆեևիչ է, իրոք,— համաձայնեց ու շփոթվեց Լեբեդևը, խոնարհաբար գլուխը կախելով և նորից ձեռքը սրտին դնելով։
 +
 +
— Բայց ինչո՞ւ եք այդ անում, ախ, աստված իմ։
 +
 +
— Ինքնանվաստացումից,— շշնջաց Լեբեդևը։ առավել ևս խոնարհ կախեքով գլուխը։
 +
 +
— Էխ, այստեղ ի՞նչ ինքնանվաստացում կա։ Եթե միայն իմանայի, թե հիմա որտեղ գտնեմ Կոլյային,― ասաց իշխանը և շուռ եկավ, որ գնա։
 +
 +
— Ես ձեզ կասեմ, թե որտեղ է Կոլյան,― նորից հանձն առավ երիտասարդը։
 +
 +
— 9է~չէ֊չէ'»— վրա պրծավ և շնչակտուր իրար անցավI Լեբեդևը։
 +
 +
— Կոլյան այստեղ էր գիշերել, բայց առավոտյան գնաց իր գեներալին որոնելու, որին դուք, իշխան, աստված գիտի, թե ինչու փրկագնեցիք «բաժանմունքից»։ Գեներալը դեռ երեկ խոստացավ շնորհ բերել այստեղ գիշերելու, բայց շնորհ չարեց։ Ամենից հավանականն այն է, որ գիշերել է այստեղից ոչ հեռու «Վեսի» հյուրանոցում։ Նշանակում է, Կոլյան այնտեղ է կամ Պավլովսկում, Եպանչինների տանը։ Նրա մոտ փող կար, նա դեռ երեկ էր ուզում գնալ։ Այսպես, ուրեմն, «Վեսիում» կամ Պավլովսկում։
 +
 +
— Պավլովսկում է, Պավչովսկո՜ւմ... իսկ մենք այստեղ, այգին գնանք և... սուրճ...
 +
 +
Եվ Լեբեդևը իշխանի ձեռքից բռնած քարշ տվեց։ Նրանք դուրս եկան սենյակից, փոքբիկ բակը կտրեցին ու դռնակով ներս մտան։ Այդտեղ, իրոք, մի շատ փոքրիկ և շատ սիրունիկ այգի կար, որտեղ շնորհիվ լավ եղանակի արդեն բոլոր ծառերը փթթել էին։ Լեբեդևը իշխանին նստեցրեց կանաչ փայտե նստարանին, ոտները հողի մեջ թաղած կանաչ սեղանի առաջ և ինքը տեղավորվեց նրա դիմաց։ Մի րոպե անց իրոք հայտնվեց նաև սուրճը։ Իշխանը չհրաժարվեց։ Լեբեդևը քմծիծաղով ու ագահաբար շարունակում էր նայել նրա աչքերի մեջ։
 +
 +
— Ես չգիտեի, որ այսպիսի տնտեսություն ունեք,— ասաց իշխանը, բոլորովին ուրիշ բանի մասին մտածող մարդու տեսքով։
 +
 +
— Ո-ո՜րբ ենք,— կուչ ու ձիգ անելով սկսեց Լեբեդևը, բայց կանգ առավ, իշխանը մտացրիվ նայում էր իր առաջ և, իհարկե, արդեն մոռացել էր իր հարցը։ Անցավ ևս մեկ րոպեի չափ, Լեբեդևը հետամտում և սպասում էր։
 +
 +
— Դե ի՛նչ,— ասաց իշխանը կարծես սթափվելռվ,— ախ հա՜։ Չէ՞ որ ինքներդ գիտեք, թե որն է մեր գործը։ Ես եկել եմ ձեր իսկ նամակով։ Ասացեք։
 +
 +
Լեբեդևը շփոթվեց, ուզում էր մի բան ասել, բայց միայն կակազեց. ոչինչ չարտասանեց։ Իշխանը սպասեց ու տխուր ժպտաց։
 +
 +
— Թվում է, ես շատ լավ եմ հասկանում ձեզ, Լուկյան Տիմոֆեևիչ. հավանաբար, դուք ինձ չէիք սպասում։ Կարծում էիք, թե ես իմ խուլ վայրից վեր չեմ կենա ձեր առաջին հաղորդումով, և գրել էիք ձեր խիղճը մաքրելու համար։ Բայց ես ահա եկա։ Դե, հերիք է, մի խաբեք։ Հերիք է ծառայեք երկու տիրոջ։ Ռոգոժինն արդեն երեք շաբաթ է, ինչ այստեղ է, ես ամեն ինչ գիտեմ։ Արդեն հասցրե՞լ եք նրան՝ Ռոգոժինին ծախել, ինչպես այն անգամ, թե՞ ոչ։ Ուղիղն ասացեք։
 +
 +
— Ճիվաղն ինքը իմացավ, ինքը։
 +
 +
— Մի հայհոյեք նրան. նա, իհարկե, ձեզ հետ վատ վարվեց...
 +
 +
— Ծեծեց, ծեծե՜ց,— սաստիկ տաք-տաք վրա բերեց Լեբեդևը,— և Մոսկվայում շնով էլ հալածեց, ամբողջ փողոցով մեկ, քերծե շնով։ Սարսափելի շուն։
 +
 +
— Դուք ինձ փոքրիկի տեղ եք դնում, Լեբեդև։ Ասացեք, նա լրջորե՞ն թողել է Ռոգոժինին հիմա, Մոսկվայում։
 +
 +
— Լրջորեն, լրջորեն, նորից հենց պսակադրության ժամանակ։ Ռոգոժինն արդեն րոպեներ էր հաշվում, իսկ նա այստեղ Պետերբուրգ և ուղղակի ինձ մոտ է գալիս․ «Փրկիր, պահիր, Լուկյան, և իշխանին մի ասա․․․»։ Նա ձեզնից, իշխան, ավելի է վախենում, քան Ռոգոժինից, և այստեղ շատ խորիմաստ բան կա։
 +
 +
Եվ Լեբեդևը խորամանկորեն մատը ճակատին դրեց։
 +
 +
— Իսկ հիմա դուք նրանց նորի՞ց հանդիպեցրիք։
 +
 +
— Ամենապայծառափայլ իշխան, ինչպե՞ս կարող էի․․․ Ինչպե՞ս կարող էի թույլ չտալ։
 +
 +
— Դե, բավական է, ես ինքս կիմանամ ամեն ինչ։ Ասացեք միայն, որտե՞ղ է հիմա նա։ Ռոգոժինի մո՞տ։
 +
 +
— Օ, ո՜չ։ Չէ֊չէ՜։ Դեռ ինքն իր համար է։ Ես, ասում է, ազատ եմ, և գիտե՞ք, իշխան, ամուր կանգնած է այդ տեսակետի վրա, ես, ասում է, դեռ բոլորովին ազատ եմ։ Դեռևս Պետերբուրգյանում է, իմ քենու տանն է ապրում, ինչպես գրել էի ձեզ;
 +
 +
— Հիմա՞ էլ այնտեղ է։
 +
 +
— Այնտեղ է, եթե ոչ Պավլովսկում, լավ եղանակի շնորհիվ, Դարյ ա Ալեքսեևնայի ամառանոցում։ Ես, ասում է, բոլորովին ազա՞տ եմ, դեռ երեկ Նիկոլայ Արդալիոնովիչին իր ազատության մասին շատ պարծեցել էր։ Վա՜տ նշան է։
 +
 +
Եվ Լեբեդևը լայն ժպտաց, ատամները ցույց տալով։
 +
 +
— Կոլյան հաճա՞խ է լինում նրա մոտ։
 +
 +
— Թեթևամիտ է ու անհասկանալի և գաղտնապահ չէ։
 +
 +
— Վաղո՞ւց եք եղել այնտեղ։
 +
 +
— Ամեն օր, ամեն օր։
 +
 +
— Նշանակում է երեկ էլ։
 +
 +
— Ո֊ոչ. չորս օր առաջ։
 +
 +
— Ինչ ցավալի է, որ մի քիչ խմել եք, Լեբեդև։ Թե չէ ձեզ կհարցնեի։
 +
 +
— Չէ-չէ֊չէ՜, բոլորովին հարբած չեմ։
 +
 +
Լեբեդևն ուղղակի ականջները սրեց։
 +
 +
— Ասացեք ինձ, ի՞նչ վիճակում թողիք նրան։
 +
 +
— Ո֊որոնումների մեջ է․․․
 +
 +
— Որոնումների՞։
 +
 +
— Կարծես շարունակ մի բան է որոնում, կարծես մի բան է կորցրել։ Իսկ առաջիկա ամուսնության նույնիսկ միտքը զզվելի է դարձել և վիրավորական է համարում։ Իսկ նրա մասին մտածում է ինչքան կմտածեր կերած նարնջի կեղևի մասին, ոչ ավելի, այսինքն՝ և ավելի, վախով ու սարսափով, նույնիսկ խոսելն արգելում է, իսկ հանդիպում են միայն ու միայն անհրաժեշտության դեպքում․․․ և Ռոգոժինը դա շատ լավ զգում է։ Բայց անխուսափելի՜ է... Անհանգիստ է, ծաղրող, երկլեզու, հարձակվող...
 +
 +
— Երկլեզու և հարձակվո՞ղ։
 +
 +
— Հարձակվող է. որովհետև անցյալ անգամ մի խոսակցության համար քիչ մնաց մազերս փետեր։ Հայտնության խոսքերով սկսեցի նախատել։
 +
 +
— Ինչպե՞ս թե,— հարցրեց իշխանը, կարծելով, թե սխալ է լսել։
 +
 +
— Հայտնության գիրքը կարդալով։ Անհանգիստ երևակայության տեր տիկին է, հի՛֊հի՜։ Ընդսմին դիտել եմ, որ դեպի լուրջ, թեպետև կողմնակի, թեմաների չափազանց հակված է։ Սիրում է, սիրում և նույնիսկ ընդունում է որպես առանձնահատուկ հարգանք դեպի ինքը։ Այո֊ո։ Իսկ ես հայտնության մեկնաբանության հարցում ուժեղ եմ և տասնհինգերորդ տարին է, ինչ մեկնաբանում եմ։ Հետս համաձայնեց, որ մենք գտնվում ենք երրորդ, սևաթույր նժույգի և իր ձեռքին չափ բռնած հեծյալի ժամանակաշրջանում, քանի որ ներկա դարում ամեն ինչ չափսով ու պայմանագրով է, և բոլոր մարդիկ միայն իրենց իրավունքներն են որոնում․ «Մի չափ ցորենը մի դինարով և երեք չափ գարին մի դինարով․․․» և դեռ դրանով հանդերձ ուզում են ազատ ոգի և սիրտ մաքուր, և առողջ մարմին, և բոլոր պարգևներն աստծո պահպանել։ Բայց լոկ իրավունքով չեն պահպանի, և դրան կհետևի դալուկ նժույգը և նա, որի անունը Մահ է, իսկ դրա հետև արդեն դժոխքն է... Հանդիպելիս հենց դրա մասին ենք խոսում և խիստ ներգործեց։
 +
 +
— Դուք ինքնե՞րդ այդպես հավատում եք,— հարցրեց իշխանը, տարօրինակ հայացքով զննելով Լեբեդևին։
 +
 +
— Հավատում եմ և մեկնաբանում։ Զի աղքատ եմ ու մերկ և հյուլե եմ մարդկանց հորձանքի մեջ։ Եվ ո՞վ կհարգի Լեբեդևին։ Ամեն մեկը ծաղրում է նրան, և ամեն մեկը քիչ է մնում քացիով ճամփու դնի նրան։ Իսկ այստեղ, սույն մեկնաբանութ յան մեջ ես հավասար եմ մեծատոհմիկ մարդու։ Զի խելք ունեմ։ Եվ մեծատոհմիկն էլ է գողացել ինձնից... Իր բազկաթոռին նստած, խելքով ընկալելով։ Նորին բարձր գերազանցությունը, Նիլ Ալեքսեևիչը, երեք տարի առաջ, զատկի տոների նախօրեին, իմացել էր, երբ ես դեռ աշխատում էի նրա դեպարտամենտում, և Պյոտր Զախարիչի միջոցով հերթապահ սենյակից հատկապես պահանջել էր ինձ իր կաբինետը և առանձին հարցրեց. «Ճի՞շտ է, որ նեռի պրոֆեսոր ես»։ Եվ չթաքցրի. «Ես եմ»,— ասում եմ, շարադրեցի, և ներկայացրի, և սարսափը չմեղմացրի, այլ դեռ մտովի արձակելով այլաբանական թղթագալարը, սաստկացրի և թվերն ամփոփեցի։ Եվ քմծիծաղ տվեց, բայց թվերի ու նմանությունների վրա սկսեց դողալ, և խնդրեց, որ գիրքը ծածկեմ ու գնամ, և զատկական տոների առթիվ ինձ պարգևատրում նշանակեց, իսկ զատկի առաջին շաբաթը հոգին ավանդեց։
 +
 +
— Ի՞նչ եք ասում, Լեբեդև։
 +
 +
— Այդպես է որ կա։ Սայլակից էր ընկել ճաշից հետո․․․ քունքը խփել էր քարին, մանկիկի պես, մանկիկի պես, տեղնուտեղը շունչը փչել։ Ըստ ծառայության ցուցակի յոթանասուներեք տարեկան էր, կարմրաթշիկ, ալևորիկ, ամբողջովին օծանելիքով ցողված, և միշտ ժպտում էր, միշտ ժպտում էր, ասես մանկիկ։ Հիշեց այն ժամանակ Պյոտր Զախարիչը․ «Այդ դու կանխագուշակեցիր»,― ասում է։
 +
 +
Իշխանը պատրաստվեց վեր կենալ։ Լեբեդևը զարմացավ և նույնպես շփոթված էր, որ իշխանն արդեն վեր է կենում։
 +
 +
— Շատ անտարբեր եք դարձել, հի՛-հի՛,― քծնանքով համարձակվեց նկատել նա։
 +
 +
— Ճշմարիտ, ես ինձ այնքան էլ առողջ չեմ զգում, գլուխս ծանր է, ճանապարհից է, թե ինչից,— պատասխանեց իշխանը խոժոռվելով։
 +
 +
— Ամառանոց գնացեք,― երկչոտ ամփոփեց Լեբեդևը։
 +
 +
Իշխանը կանգնել էր մտասույզ։
 +
 +
— Ես ինքս էլ, ահա, մի երեք օրից տուն-տնովի ամառանոց կգնամ, որպեսզի և նորածին թռչնակիս պահպանեմ, և այդ ընթացքում այս տնակը կարգի բերեմ։ Եվ նույնպես Պավլովսկ։
 +
 +
— Դո՞ւք էլ Պավլովսկ,— հարցրեց հանկարծ իշխանը։— Սա ի՞նչ բան է, այստեղ բոլո՞րը Պավլովսկ են գնում, թե ինչ։ Ասում եք, դո՞ւք էլ այնտեղ ձեր ամառանոցն ունեք։
 +
 +
— Բոլորը չեն գնում Պավլովսկ։ Իսկ ինձ Իվան Պետրովիչ Պտիցինը զիջեց էժան ձեռք բերած ամառանոցներից մեկը։ Եվ լավ է, և բարձր, և կանաչ, և էժան, և բոնտոնային, և երաժշտական, ահա դրա համար էլ բոլորը Պավլովսկ են գնում։ Ես, ի դեպ, կցաշենքում եմ, իսկ իսկական ամառանոցը...
 +
 +
— Վարձո՞վ եք տվել։
 +
 +
— Ո֊ոչ։ Ոչ․․․ բոլորովին։
 +
 +
— Ինձ տվեք,— հանկարծ առաջարկեց իշխանը։
 +
 +
Կարծես Լեբեդևի ուզածն էլ հենց այդ էր։ Այդ միտքը երեք րոպե առաջ անցավ նրա գլխով։ Այնինչ նա արդեն կենվորի կարիք չէր զգում, նա արդեն ուներ ամառանոց վարձող, որը ինքն էր տեղեկացրել, որ, գուցե, ամառանոցը կզբաղեցնի։ Բայց Լեբեդևը հաստատ գիտեր, որ ոչ թե «գուցե», այլ կզբաղեցնի։ Բայց հիմա հանկարծ նրա գլխով անցավ իր հաշվով մի շատ շահավետ միտք՝ ամառանոցը տալ իշխանին, օգտվելով այն հանգամանքից, որ նախորդ վարձակալը անորոշ է արտահայտվել։ «Մի ամբողջ ընդհարում և գործի ամբողջ նոր ընթացք» ներկայացավ հանկարծ նրա երևակայությանը։ Իշխանի առաջարկությունը նա ընդունեց համարյա հիացմունքով, այնպես որ ի պատասխան գնի մասին տված նրա ուղղակի հարցին, Լեբեդևը նույնիսկ ձեռքերը թափահարեց։
 +
 +
— Դե ինչպես կամենաք. ես կտեղեկանամ, վնաս չեք կրի։
 +
 +
Նրանք երկուսն էլ արդեն դուրս էին գալիս այգուց։
 +
 +
— Իսկ ես ձեզ․․․ ես ձեզ․․․ եթե ուզենայիք, ես ձեզ, մեծարգո իշխան, կարող էի որոշ, շատ հետաքրքիր բաներ հայտնել, նույն նյութին վերաբերող,— մրթմրթաց Լեբեդևը՝ ուրախությունից գալարվելով իշխանի կողքին։
 +
 +
Իշխանը կանգ աոավ։
 +
 +
— Դարյա Ալեքսեևնան էլ Պավկովսկում ամառանոց ունի։
 +
 +
— Հետո՞։
 +
 +
— Իսկ հայտնի անձնավորությունը նրան բարեկամուհի է և մտադիր է հաճախակի այցելել նրան Պավլովսկում։ Նպատակով։
 +
 +
— Հետո՞։
 +
 +
— Ագլայա Իվանովնան...
 +
 +
— Ախ, բավական է, Լեբեդև,— ինչ-որ տհաճ զգացողությամբ նրա խոսքը կտրեց իշխանը, ասես կպել էին նրա հիվանդ տեղին։— Այդ ամենը այդպես չէ։ Ավելի լավ է, ասացեք, ե՞րբ եք փոխադրվում։ Որրան շուտ, ինձ համար այնքան լավ, որովհետև ես հյուրանոցում եմ...
 +
 +
Զրուցելով, նրանք դուրս եկան այգուց և, առանց սենյակները մտնելու, բակն անցան ու մոտեցան դռնակին։
 +
 +
— Դրանից լավ ի՞նչ կարող է լինել,— մտածեց վերջապես Լեբեդևը,— փոխադրվեցեք ինձ մոտ ուղղակի հյուրանոցից, հենց այսօր, իսկ վաղը չէ մյուս օրը բոլորս միասին կգնանք Պավլովսկ։
 +
 +
— Տեսնենք,― ասաց իշխանը մտախոհ և դուրս եկավ դարպասից։
 +
 +
Լեբեդևը նայեց նրա հետևից։ Նրան զարմացրեց իշխանի հանկարծակի ցրվածությունը։ Դուրս գալիս նա մոռացավ նույնիսկ «մնաք բարով» ասել, նույնիսկ գլուխ չտվեց, որը անհամատեղելի էր իշխանի՝ Լեբեդևին հայտնի քաղաքավարության և ուշադրության հետ։
 +
 +
=== III ===
 +
 +
Արդեն ժամը տասներկուսն էր լինում։ Իշխանը գիտեր, որ Եպանչինների տանը քաղաքում նա հիմա կարող էր գտնել միայն գեներալին, պաշտոնի բերումով, այն էլ հազիվ թե։ Նրա մտքովն անցավ, որ, ով գիտի, գեներալը նրան կվերցնի ու անմիջապես հետը կտանի Պավլովսկ, իսկ ինքը մինչ այդ շատ էր ուզում մի այցելություն անել։ Եպանչինների տուն գնալն ուշացնելու և Պավլովսկ մեկնելը վաղվան հետաձգելու վտանգին ենթարկելով, իշխանը վճռեց գնալ որոնելու այն տունը, ուր նա այնպես ուզում էր մտնել։
 +
 +
Ի դեպ, այդ այցելությունը նրա համար որոշ իմաստով վտանգավոր էր։ Նա դժվարանում ու տատանվում էր։ Նա այդ տան մասին գիտեր, որ Դորոխովայա փողոցում է, Սադովայա փողոցից ոչ հեռու, և որոշեց գնալ այնտեղ, հուսալով, որ տեղ հասնելով, ժամանակ կունենա վերջապես վճռելու։
 +
 +
Մոտենալով Դորոխովայա և Սադովայա փողոցների խաչմերուկին, նա ինքն էլ զարմացավ իր արտասովոր հուզմունքին. նա չէր էլ սպասում, որ այդպես ցավագին կբաբախեր իր սիրտը։ Մի տուն, հավանաբար իր առանձնահատուկ կերպարանքով, դեռ հետևից սկսեց գրավել նրա ուշադրությունը, և իշխանը հետո հիշում էր, որ ինքն իրեն ասաց. «Սա հավանաբար հենց այն տունն է»։ Արտասովոր հետաքրքրությամբ նա մոտենում էր ստուգելու իր կռահումը. նա զգում էր, որ չգիտես ինչու իրեն առանձնապես տհաճ կլինի, եթե ճիշտ է կռահել։ Այդ տունը մեծ էր, մռայլ, եռահարկ, առանց որևէ ճարտարապետության, կեղտոտ կանաչագույն։ Պետերբուրգում (որտեղ ամեն ինչ այնպես արագ է փոխվում), անցյալ դարի վերջին կառուցված այդ կարգի մի քանի, ի դեպ շատ փոքրաթիվ, տներ են կանգուն մնացել հենց այդ փողոցներում, գրեթե անփոփոխ։ Դրանք կառուցված են դիմացկուն, հաստ պատերով և չափազանց սակավաթիվ լուսամուտներով. ցածի հարկում լուսամուտները երբեմն վանդակապատ են։ Մեծ մասամբ ներքևում դրամափոխական կրպակ է։ Կրպակում նստող ներքինին բնակարան է վարձում վերևում։ Եվ արտաքուստ, և ներքուստ մի տեսակ անհյուրընկալ ու չոր է, կարծես ամեն ինչ թաքնվում է ու պահվում, իսկ թե ինչու լոկ տան կերպարանքից այդպես է թվում՝ դժվար կլիներ բացատրել։ Գծերի ճարտարապետական զուգորդություններն, իհարկե, իրենց գաղտնիքն ունեն։ Այդ տներում ապրում են գրեթե բացառապես միայն առևտրական մարդիկ։ Դարպասին մոտենալով և նայելով մակագրությանը, իշխանը կարդաց. «Տոհմական պատվավոր քաղաքացի Ռոգոժինի տունը»։
 +
 +
Վերջ տալով տատանմանը, նա բացեց ապակյա դուռը, որը աղմուկով փակվեց նրա հետևից, և սկսեց շքասանդուղքով բարձրանալ երկրորդ հարկ։ Սանդուղքը խավար էր, քարե, կոպիտ շինված, իսկ նրա պատերը ներկած էին կարմիր ներկով։ Նա գիտեր, որ Ռոգոժինը մոր և եղբոր հետ զբաղեցնում է այդ տխուր տան ամբողջ երկրորդ հարկը։ Իշխանի առաջ դուռը բացող սպասավորը նրան առաջնորդեց առանց զեկուցելու և տանում էր երկար. նրանք անցան և մի շքասրահով, որի պատերը «մարմարանման» էին, կաղնեփայտի պարկետով և քսանական թվականների կոպիտ ու ծանր կահ-կարասիով, անցան նաև ինչ-որ մանրիկ խցիկներով, մի քանի ոլորապտույտներ արեցին, բարձրացան երկու-երեք աստիճան և նույնքան էլ ցած իջան ու, վերջապես, մի դուռ բախեցին։ Դուռը բացեց Պարֆեն Սեմյոնիչն ինքը, իշխանին տեսնելով, նա այն աստիճան գունատվեց ու տեղում քարացավ, որ որոշ ժամանակ նման էր քարե արձանի, անշարժ ու վախեցած հայացքով նայում էր, բերանը ծամածռելով մի վերին աստիճանի տարակուսած ժպիտից, ասես Իշխանի այցելության մեջ տեսնում էր ինչ-որ անհնարին և համարյա հրաշապատում բան։ Իշխանը թեև սպասում էր դրա նման մի բանի, բայց նույնիսկ զարմացավ։
 +
 +
— Պարֆեն, գուցե ես անժամանակ եկա, ուզես՝ կգնամ,― վերջապես ասաց նա շփոթված։
 +
 +
— Ժամանակի՜ն է։ Ժամանակի՜ն,— ուշքի եկավ, վերջապես, Պարֆենը։— Շնորհ արա, մտիր։
 +
 +
Նրանք իրար դու էին ասում։ Մոսկվայում հանդիպում էին հաճախակի ու երկար, նրանց հանդիպումներում եղել էին նույնիսկ մի քանի ակնթարթ, որոնք չափազանց խոր էին տպավորվել միմյանց սրտում։ Իսկ հիմա մոտ երեք ամիս չէին հանդիպել։
 +
 +
Դալկությունն ու կարծես մի տեսակ մանրիկ դողը դեռ չէր անցնում Ռոգոժինի երեսից, նա թեև հրացրեց հյուրին, բայց անասելի շփոթությունը դեռևս շարունակվում էր։ Մինչ նա իշխանին մոտեցնում էր բազկաթոռին և նստեցնում սեղանի մոտ, վերջինս պատահաբար շրջվեց դեպի Պարֆենը և կանգ առավ նրա չափազանց տարօրինակ ու ծանր հայացքի ազդեցության ներքո։ Մի բան նրա միտքը եկավ՝ նորերս պատահած, ծանր, մռայլ։ Առանց նստելու և անշարժ կանգնած, նա միառժամանակ նայում էր ուղիղ Ռոգոժինի աչքերին. նրանք կարծես առաջին վայրկյանին ավելի ուժեղ փայլատակեցին։ Վերջապես Ռոգոժինը քմծիծաղ տվեց, բայց փոքր֊ինչ շփոթվելով և կարծես գլուխը կորցրած.
 +
 +
― Ի՞նչ ես նայում այդպես ակնապիշ,— մրթմրթաց նա,— նստիր։
 +
 +
Իշխանը նստեց։
 +
 +
― Պարֆեն,― ասաց նա,— ուղիղն ասա ինձ, դու գիտեի՞ր, որ ես այսօր Պետերբուրգ եմ գալիս, թե՞ ոչ։
 +
 +
— Որ դու կգաս, այդպես էլ կարծում էի, և տեսնո՞ւմ ես, չսխալվեցի,— ավելացրեց նա խայթիչ ծաղրով,— Բայց որտեղի՞ց գիտեի, որ այսօր կգաս։
 +
 +
Պատասխանի մեջ պարունակված հարցի որոշ կոպիտ պոռթկունությունն ու գրգռվածությունը ավելի ևս զարմացրեց իշխանին։
 +
 +
— Թեկուզև իմանայիր, որ այսօր, բայց ի՞նչ կարիք կա այդպես գրգռվելու,— կամացուկ հարցրեց իշխանը շփոթված։
 +
 +
— Բայց հարցիդ պատճառն ի՞նչ է։
 +
 +
— Այն ժամանակ, վագոնից դուրս գալիս, ես տեսա մի զույգ ճիշտ և ճիշտ այդպիսի աչքեր, ինչպիսի աչքերով հիմա դու նայեցիր ինձ հետևիցս։
 +
 +
— Մի տե՜ս, իսկ ո՞ւմ աչքերն էին դրանք,— կասկածամտորեն մրթմրթաց Ռոգոժինը։ Իշխանին թվաց, թե նա ցնցվեց։
 +
 +
― Չգիտեմ, ամբոխի մեջ էր, ինձ նույնիսկ թվում է, թե աչքիս երևաց։ Ես, Պարֆեն եղբայր, ինձ զգում եմ համարյա այնպես, ինչպես ինձ հետ պատահում էր հինգ տարի առաջ, երբ նոպաներս բռնում էին։
 +
 +
— Ինչ կա որ, գուցե և աչքիդ է երևացել. ես չգիտեմ,— մրթմրթում էր Պարֆենը։
 +
 +
Նրա դեմքի սիրալիր ժպիտը այդ րոպեին բոլորովին չէր սազում նրան, ասես այդ ժպիտի մեջ մի բան կոտրվել էր, և կարծես Պարֆենը ոչ մի կերպ չէր կարող կպցնել, որքան էլ ջանում էր։
 +
 +
— Ուրեմն, նորի՞ց արտասահման, ինչ է,― հարցրեց նա և ավելացրեց.— իսկ հիշո՞ւմ ես, աշնանը ինչպես էինք Պսկովից գալիս վագոնով, ես այստեղ, իսկ դու... պլաշչով էիր, հիշո՞ւմ ես, շտիբլետներդ էլ։
 +
 +
Եվ Ռոգոժինը հանկարծ ծիծաղեց, այս անգամ մի տեսակ անսքող չարությամբ և կարծես ուրախանալով, որ հաջողվեց գոնե որևէ բանով արտահայտել այդ չարությունը։
 +
 +
— Դու այստեղ վերջնակա՞ն ես հաստատվել,— հարցրեց իշխանը, առանձնասենյակը զննելով։
 +
 +
— Այո, ես իմ տանն եմ, հապա էլ որտե՞ղ պիտի լինեմ։
 +
 +
— Վաղուց է, չենք տեսնվել։ Քո մասին այնպիսի բաներ եմ լսել, որ կարծես թե դու չլինես։
 +
 +
— Ինչեր ասես, որ չեն ասի,― չոր֊չոր նկատեց Ռոգոժինը։
 +
 +
— Բայց և այնպես, դու ամբողջ խումբդ ցրել ես. ինքդ ահա հայրենի տանդ ես նստած, չարություն չես անում։ Ինչ կա որ, լավ է։ Տունը քո՞նն է, թե ձեր ընդհանուրինն է։
 +
 +
— Տունը մայրիկինս է։ Նրա մոտ կարելի է գնալ այստեղից, միջանցքն անցնելով։
 +
 +
— Իսկ եղյբա՞յրդ որտեղ է ապրում։
 +
 +
— Սեմյոն Սեմյոնովիչ եղբայրս կցաշենքում է։
 +
 +
— Ընտանիքավո՞ր է նա։
 +
 +
— Այրիացած է։ Դա քո ինչի՞ն է պետք։
 +
 +
Իշխանը նայեց ու չպատասխանեց, նա հանկարծ մտածմունքի մեջ ընկավ և, թվում է, հարցը չլսեց։ Ռոգոժինը չէր պնդում և սպասում էր։ Մի պահ լռեցին։
 +
 +
— Ես հիմա, մոտենալիս, հարյուր քայլ հեռավորությունից գուշակեցի, որ սա է քո տունը,— ասաց իշխանը։
 +
 +
— Այդ ինչո՞ւ։
 +
 +
— Բոլորովին չգիտեմ։ Քո տունն ունի ձեր ամբողջ ընտանիքի և ձեր ամբողջ Ռոգոժինյան կյանքի կերպարանքը, բայց հարցրու, թե ինչու եմ այդպես եզրակացրել, ոչնչով բացատրել չեմ կարող։ Իհարկե, զառանցանք է։ Նույնիսկ վախենում եմ, որ դա ինձ այսպես անհանգսաացնում է։ Առաջ մտքովս էլ չէր անցնի, որ դու այսպիսի տան ես ապրում, բայց հենց որ տեսա, իսկույն մտածեցի. «Դե ախր նրա տունը հենց այսպիսին էլ պիտի լինի»։
 +
 +
— Մի տե՜ս,— անորոշ քմծիծաղ տվեց Ռոգոժինը, այնքան էլ լավ չհասկանալով իշխանի անպարզ միտքը։— Այս տունը դեռ պապս է կառուցել,— նկատեց նա,— այստեղ շարունակ ներքինիներ են ապրել, Խլուդյակովները, դեռ հիմա էլ մեզ մոտ են վարձում։
 +
 +
— Ինչպիսի խավար է։ Խավարի մեջ ես նստում,— ասաց իշխանը՝ առանձնասենյակը շրջահայելով։
 +
 +
Դա մի մեծ սենյակ էր, բարձր, մթավուն, ամեն տեսակի կահույքով լցված՝ մեծ մասամբ մեծ աշխատանքային սեղաններով, բյուրոներով, պահարաններով, որոնցում պահվում էին պաշտոնական մատյաններ ու զանազան թղթեր։ Կարմիր լայն սեկե բազմոցն ըստ երևույթին Ռոգոժինին ծառայում էր որպես անկողին։ Սեղանի վրա, որի առաջ նրան նստեցրել էր Ռոգոժինը, իշխանը երկու֊երեք գիրք նկատեց։ Նրանցից մեկը՝ Սոլովյովի «Պատմությունը», բացած էր և մեջը էջանշան էր դրված։ Պատերից կախված էին փայլատ ոսկեզօծ շրջանակներով մի քանի յուղաներկ նկարներ, խավար, մրոտված, որոնց վրա շատ դժվար էր որևէ բան տեսնել։ Ամբողջ հասակով մեկ մի պատկեր իր վրա գրավեց իշխանի ուշադրությունը. նկարը պատկերում էր մոտ հիսուն տարեկան մի մարդու՝ գերմանական ձևի սերթուկով, որը սակայն երկարափեշ էր, վզից երկու մեդալ կախ, շատ ցանցառ ու կարճլիկ ալեխառն մորուքով, կնճռոտ ու դեղին դեմքով, կասկածոտ, ծածկամիտ ու վշտալի հայացքով։
 +
 +
― Չլինի՞ սա քո հայրն է,— հարցրեց իշխանը։
 +
 +
— Նա է որ կա,— տհաճ քմծիծաղով պատասխանեց Ռոգոժինը, կարծես պատրաստվելով անմիջապես որևէ անպատկառ կատակ անելու իր հանգուցյալ ծնողի հասցեին։
 +
 +
— Նա հնածեսներից չէր, այնպես չէ՞։
 +
 +
― Ոչ, եկեղեցի գնում էր, բայց ճիշտ է, ասում էր, որ հին հավատն ավելի ճիշտ էր։ Ներքինիներին էլ շատ էր հարգում։ Սա ահա հենց նրա կաբինետն էր։ Ինչո՞ւ հարցրիր, թե հո հնածես չէր։
 +
 +
— Հարսանիքդ այստե՞ղ ես անելու։
 +
 +
— Այս֊տեղ,— պատասխանեց Ռոգոժինը, համարյա ցնցվելով անսպասելի հարցից։
 +
 +
— Շո՞ւտ եք անելու։
 +
 +
— Ինքդ գիտես, մի՞թե ինձնից է կախված։
 +
 +
— Պարֆեն, ես քեզ թշնամի չեմ և ոչ մի բանում քեզ խանգարելու մտադիր չեմ։ Դա ես հիմա կրկնում եմ այնպես, ինչպես հայտարարել էի առաջ, մի անգամ, գրեթե մի այսպիսի րոպեի։ Երբ Մոսկվայում քո հարսանիքն էր, ես քեզ չէի խանգարում, դու գիտես։ Առաջին անգամ ''նա'' ինքը նետվեց ինձ մոտ, համարյա պսակի տակից, խնդրելով «փրկել» իրեն քեզնից։ Ես նրա սեփական բառերն եմ կրկնում քեզ։ Հետո ինձնից էլ փախավ, դու նորից նրան փնտրեցիր գտար և պսակադրության տարար, և ահա, ասում են, նա նորից այստեղ է փախել քեզնից։ Այդ ճի՞շտ է։ Ինձ Լեբեդևն է այդպես տեղեկացրել, դրա համար էլ եկել եմ։ Իսկ որ այստեղ նորից դրստվել են ձեր գործերը, ես միայն երեկ առաջին անգամ վագոնում իմացա քո նախկին բարեկամներից մեկից, եթե ուզում ես իմանալ՝ Զալյոժովից։ Իսկ այստեղ գալիս էի մի նպատակով. ես ուզում էի վերջապես համոզել ''նրան'', որ արտասահման մեկնի առողջությունը շտկելու համար․ շատ է խախտված նրա մարմինը և հոգին, հատկապես գլուխը, և, իմ կարծիքով, մեծ խնամքի կարիք ունի։ Ես ինքս նրան արտասահման ուղեկցել չէի ուզում, այլ նկատի ունեի այդ ամենը սարքել առանց ինձ։ Քեզ կատարյալ ճշմարտությունն եմ ասում։ Եթե միանգամայն ճշմարիտ է, որ ձեր մեջ նորից գլուխ է գալիս այդ գործը, ապա նրա աչքին չեմ էլ երևա, և քեզ մոտ էլ այլևս երբեք չեմ գա։ Ինքդ գիտես, որ քեզ չեմ խաբում, որովհետև միշտ անկեղծ եմ եղել քեզ հետ։ Իմ մտքերն այդ մասին քեզնից երբեք չեմ թաքցրել և միշտ ասել եմ, որ քեզ մարդու գնալը ''նրա'' համար անպայման կործանում է։ Քեզ համար էլ է կործանում․․․ գուցե ավելի, քան նրա համար։ Եթե դուք նորից բաժանվեիք, ես շաա գոհ կլինեի, բայց մտադիր չհմ ինքս խափանել ու քանդել ձեր գործը։ Ուրեմն հանգիստ եղիր ու մի կասկածիր ինձ։ Ասենք, դու ինքդ էլ գիտես, երբևէ եղե՞լ եմ արդյոք քո ''իսկական'' ախոյանը, նույնիսկ այն ժամանակ, երբ նա փախավ ինձ մոտ։ Ահա դու հիմա ծիծաղեցիր։ Այո, մենք այնտեղ ապրում էինք առանձին և տարբեր քաղաքներում, և դու այդ ամենը ''հաստատ'' գիտեիր։ Չէ՞ որ քեզ առաջ էլ էի բացատրել, որ ես ''նրան'' «ոչ թե սիրով եմ սիրում, այլ խղճահարությամբ»։ Կարծում եմ, որ դա ճիշտ եմ բնորոշում։ Դու այն ժամանակ ասում էիր, որ իմ այդ խոսքերը հասկացար. արդյոք ճի՞շտ է, արդյոք հասկացա՞ր։ Ահա ինչպիսի ատելությամբ ես նայում։ Ես քեզ հանգստացնելու եկա, որովհետև դու էլ ինձ համար թանկ ես։ Ես քեզ շատ եմ սիրում, Պարֆեն։ Իսկ հիմա կգնամ և երբեք չեմ գա։ Մնաս բարով։
 +
 +
Իշխանը վեր կացավ։
 +
 +
— Մի քիչ նստիր հետս,― կամացուկ ասաց Պարֆենր, առանց տեղից վեր կենալու և գլուխը հակելով աջ ափին,― քեզ վաղուց չեմ տեսել։
 +
 +
Իշխանր նստեց։ Երկուսն էլ նորից լռեցին։
 +
 +
— Ես, հենց որ աչքիս առաջ չես, անմիջապես չարություն եմ զգում քո նկատմամբ, Լև Նիկոլաևիչ։ Այս երեք ամիսը, որ քեզ չեմ տեսել, ամեն րոպե չարացել եմ քեզ վրա, աստված վկա։ Ուղղակի կվերցնեի ու մի բանով կթունավորեի քեզ։ Ահա թե ինչ։ Հիմա քառորդ ժամ էլ չես նստել ինձ հետ, բայց ամբողջ չարությունս անցնում է, և առաջվա նման սիրելի ես ինձ։ Մի քիչ նստիր ինձ հետ․․․
 +
 +
— Երբ քեզ հետ եմ, դու ինձ հավատում ես, իսկ երբ չկամ, անմիջապես դադարում ես հավատալուց և նորից ես կասկածում։ Հորդ ես քաշել,— բարեկամաբար ծաղրելով և ջանալով թաքցնել իր զգացմունքը, պատասխանեց իշխանը։
 +
 +
— Ես քո ձայնին եմ հավատում, երբ նստած եմ քեզ հետ։ Ես ախր հասկանում եմ, որ մեզ չի կարելի հավասարեցնել, ինձ ու քեզ․․․
 +
 +
— Ինչո՞ւ ավելացրիր դա։ Եվ ահա նորից գրգռվեցիր,— ասաց իշխանը, զարմանալով Ռոգոժինի վրա։
 +
 +
— Է, այստեղ արդեն, եղբայր, մեր կարծիքը չեն հարցնում,― պատասխանեց նա,— այստեղ առանց մեզ են գործ տեսել։ Մենք ահա սիրում էլ ենք տարբեր, ամեն ինչում տարբերություն կա,— շարունակեց նա կամացուկ ու մի պահ լռելուց հետո։— Դու ահա ասում ես, խղճահարությամբ ես սիրում։ Ոչ մի այդպիսի խղճահարություն չկա իմ մեջ դեպի նա։ Եվ նա ամենից ավելի ատում է ինձ։ Նա հիմա ամեն գիշեր երազս է գալիս, որ, շարունակ, ուրիշի հետ ինձ վրա ծիծաղում է։ Դա հենց այդպես էլ է, եղբայր։ Ինձ հետ պսակվելու է գալիս, իսկ իմ մասին նույնիսկ մոռացել է մտածել, կարծես կոշիկ է փոխում։ Կհավատա՞ս, հինգ օր է նրան չեմ տեսել, որովհետև չեմ համարձակվում նրա մոտ գնալ. կհարցնի. «Ինչո՞ւ ես հրամել»։ Քի՞չ է անարգել ինձ...
 +
 +
— Ինչպե՞ս է անարգել։ Ի՞նչ ես ասում։
 +
 +
— Կարծես թե չգիտես։ Ախր հենց քեզ հետ է ինձնից փախել «պսակի տակից», նոր ինքդ ասացիր։
 +
 +
— Բայց դու ինքդ էլ չես հավատում, որ․․․
 +
 +
— Մի՞թե նա սպայի, Զեմտյուժինկովի հետ, Մոսկվայում չէր անարգում ինձ։ Հաստատ գիտեմ, որ անարգում էր, և արդեն այն բանից հետո, երբ ինքն էր պսակադրության ժամկետ նշանակել։
 +
 +
— Չի՛ կարող պատահել,— բացականչեց իշխանը։
 +
 +
— Հաստատ գիտեմ,— համոզված պնդեց Ռոգոժինը։— Ինչ, այդպիսին չի՞։ Այդ, եղբայր, կարիք էլ չկա ասելու, որ այդպիսին չի։ Դա միայն ցնդաբանություն է։ Քեզ հետ նա այդպես չի լինի և հավատաս, հենց ինքը կսարսափի այդպիսի գործից, իսկ ինձ հետ ահա հենց այդպիսին է։ Ախր այդպես է։ Ինձ վրա նայում է ինչպես ամենավերջին տականքի վրա։ Կելլերի, ահա այն սպայի հետ, որ բռնցքամարտով էր զբաղվում, հաստատ գիտեմ, որ միայն ինձ վրա ծիծաղելու համար էր հնարել այդ պատմությունը... Դու դեռ չգիտես, թե Մոսկվայում ինչե՜ր էր անում գլխիս։ Իսկ փո՜ղ, ինչքա՜ն փող մսխեցի...
 +
 +
— Էլ․․․ ինչպե՞ս ես հիմա ամուսնանում։ Հետո՞ ինչ ես անելու,— սարսափով հարցրեց իշխանը։
 +
 +
Ռոգոժինը ծանր ու սարսափելի նայեց իշխանին և ոչինչ չպատասխանեց։
 +
 +
— Ես հիմա հինգերորդ օրն է արդեն, որ նրա մոտ չեմ եղել,— շարունակեց նա, մի րոպե լռելուց հետո։— Շարունակ վախենում եմ, թե կվռնդի։ «Ես, ասում է, դեռ իմ գլխի տերն եմ. ուզենամ, քեզ բոլորովին կվռնդեմ, իսկ ինքս արտասահման կգնամ» (դա արդեն ինքն է ինձ ասել, որ արաասահման կգնա,— նկատեց Ռոգոժինը կարծես թե փակագծերի մեջ և մի տեսակ առանձնահատուկ նայելով իշխանի աչքերի մեջ). երբեմն, ճիշտ է, միայն վախեցնում է, չգիտես ինչու, շարունակ ծիծաղը գալիս է ինձ վրա։ Իսկ ուրիշ անգամ իսկապես էլ կմռայլվի, կխոժոռի, մի խոսք չի ասի. ես ահա հենց դրանից եմ վախենում։ Նորերս մտածեցի՝ սկսեմ ձեռնունայն չգնալ մոտը, բայց միայն նրա ծիծաղը շարժեցի, իսկ հետո նույնիսկ չարացավ։ Աղախին Կատկային իմ մի այնպիսի շալը նվիրեց, որ թեև առաջ նա ճոխության մեջ էր ապրում, բայց այդպիսին գուցե դեռ տեսած չլիներ։ Իսկ այն մասին, թե երբ ենք պսակվելու, նույնիսկ ծպտուն հանել չի կարելի։ Էլ ի՞նչ փեսացու, որ ուղղակի նրա մոտ գնալուց էլ վախենում է։ Եվ ահա նստում եմ, իսկ երբ համբերությունս հատում է, թաքուն ու գաղտագողի շրջում եմ փողոցում նրա տան շուրջը կամ թաքնվում եմ որևէ անկյունում։ Նորերս համարյա մինչև լուսաբաց նրա դարպասի մոտ հերթապահեցի, այն ժամանակ մի բան էր երևացել աչքիս։ Իսկ նա, երևի, լուսամուտից տեսել էր. «Ինձ ի՞նչ կանեիր, ասում է, եթե տեսնեիր, որ քեզ խաբում եմ»։ Ես չհամբերեցի ու ասում եմ. «Ինքդ գիտես»։
 +
 +
— Իսկ ի՞նչ գիտի։
 +
 +
— Ես ինքս էլ չգիտեմ, ի՞նչ իմանամ,— չար ծիծաղեց Ռոգոժինը։— Մոսկվայում ես այն ժամանակ նրան ոչ ոքի հետ չկարողացա բռնել, թեև երկար ժամանակ հետապնդում էի։ Ես այն ժամանակ մի անգամ վերցրի ու նրան ասացի. «Դու խոստացել ես ինձ հետ պսակվել, ազնիվ ընտանիք ես մտնում, բայց գիտե՞ս, թե հիմա ով ես դու։ Դու, ասում եմ, ահա թե ինչպիսին ես»։
 +
 +
— Դու նրան ասացի՞ր։
 +
 +
— Ասացի։
 +
 +
— Հետո՞։
 +
 +
— «Ես քեզ, ասում է, հիմա գուցե ինձ մոտ նույնիսկ լակեյ վերցնել չեմ ուզենա, ուր մնաց թե քո կինը դառնալ»։ «Իսկ ես, ասում եմ, այսպես չեմ գնա, վերջը մեկ է»։ «Իսկ ես, ասում է, հիմա Կելլերին կկանչեմ, նրան կասեմ, և նա քեզ դարպասից դուրս կնետի»։ Ես էլ հարձակվեցի նրա վրա և կապտեցնելու աստիճան ծեծեցի։
 +
 +
— Չի՛ կարող պատահել,— գոչեց իշխանը։
 +
 +
— Ասում եմ՝ պատահել է,— կամացուկ, բայց աչքերը փայլեցնելով, ասաց Ռոգոժինը։— Ուղիղ օր ու կես չքնեցի, չկերա, չխմեցի, նրա սենյակից դուրս չեկա, նրա առաջ ծունկի էի գալիս. «Կմեռնեմ, ասում եմ, դուրս չեմ գա, մինչև չներես, իսկ եթե հրամայես դուրս անել, ջուրը կընկնեմ, կխեղդվեմ, որովհետև հիմա ի՞նչ եմ անելու առանց քեզ»։ Նա այն ամբողջ օրը իսկական խելագարի պես էր, մեկ լալիս էր, մեկ պատրաստվում էր դանակով սպանել ինձ, մեկ հայհոյում էր ինձ։ Զալյոժովին, Կելլերին, Զեմդյուժինկովին, և բոլորին կանչեց, ինձ մատնացույց է անում, խայտառակում։ «Ամբողջ խմբով այսօր թատրոն գնանք, պարոնայք, թող նա այստեղ նստի, եթե չի ուզում դուրս գալ, ես նրա համար շղթայված չեմ։ Իսկ ձեզ այստեղ, Պարֆեն Սեմյոնիչ, առանց ինձ թեյ կհրամցնեն, դուք, հավանաբար սովածացել եք այսօր»։ Թատրոնից վերադարձավ մենակ․ «Նրանք, ասում է, վախկոտներ ու սրիկաներ են, քեզնից վախենում են, ինձ էլ են վախեցնում, ասում են, նա այդպես չի գնա, հավատա, կմորթի։ Իսկ ես ահա, որ ննջարան գնամ, դուռը չեմ կողպի հետևիցս, ահա թե ինչպես եմ վախենում քեզանից։ Որպեսզի դու գիտենաս ու տեսնես այդ։ Թեյ խմեցի՞ր»։ «Ոչ, ասում եմ, և չեմ խմի»։ «Գոնե մի քիչ պատիվ ունենայիր, թե չէ արարքդ բոլորովին չի սազում քեզ»։ Եվ ինչպես որ ասաց, այնպես էլ արավ, սենյակը չկողպեց։ Առավոտյան դուրս եկավ՝ ծիծաղում է․ «Խելագարվե՞լ ես, ինչ է,— ասում է։― Այդպես դու սովամահ կլինես»։— «Ներիր», ասում եմ։ «Չեմ ուզում ներել, ասված է՝ չեմ ուզում քեզ մարդու գնալ։ Մի՞թե դու ամբողջ գիշերը այս բազմոցին էիր նստած, չէիր քնել»։— «Ոչ, ասում եմ, չէի քնել»։— «Ի՜նչ խելոքն ես։ Իսկ էլի՞ թեյ չես խմելու և չես ճաշելու»։— «Ասացի՝ չէ, ներիր»։— «Իմանայիր, թե ինչպե՜ս չի սազում դա քեզ, ինչպես կովին՝ թամբը։ Չլինի՞ թե մտածել ես ինձ վախեցնել։ ԻԷնչ մի քամբախատություն է ինձ համար, որ քաղցած կնստես. այ թե վախեցրի՜ր»։ Բարկացավ, բայց դա երկար չտևեց, նորից սկսեց ինձ ձեռ առնել։ Եվ այստեղ զարմացա նրա վրա, թե ինչպե՞ս նրա մեջ բոլորովին չկա այդ չարությունը։ Այնինչ նա հիշաչար է, ուրիշների վրա երկար է պահում զայրույթը։ Ահա հենց այդ ժամանակ մտքովս անցավ, որ նա այն աստիճան ստոր է համարում ինձ, որ նույնիսկ չի կարող շատ զայրանալ վրաս։ Եվ դա ճիշտ է։ «Դու գիտե՞ս, ասում է, ինչ բան է Հռոմի պապը»։— «Լսել եմ», ասում եմ։ «Դու, ասում է, Պարֆեն Սեմյոնիչ, բոլորովին չես սովորել ընդհանուր պատմություն»։— «Ես, ասում եմ, ոչինչ էլ չեմ սովորել»։— «Որ այդպես է, ասում է, կտամ, կարդա. մի այդպիսի պապ է եղել, և բարկացել է մի կայսեր վրա, և սա երեք օր առանց ուտելու, առանց խմելու, ոտաբոբիկ, ծնկաչոք, մնացել է նրա պալատի առաջ, մինչև պապը նրան ներել է. ի՞նչ ես կարծում, այդ երեք օրվա ընթացքում այդ կայսրը, ծունկի եկած, ինչե՜ր է մտածել և ինչ երդում է կերել։ Բայց սպասիր, ասում է, ես ինքս կարդամ քեզ համար այդ մասին»։ Վեր թռավ, գիրքը բերեց. «Սա բանաստեղծություն է», ասում է, և սկսեց ոտանավորներով կարդալ, թե ինչպես այն կայսրը այդ երեք օրը ուխտ էր անում վրեժխնդիր լինել պապին։ «Մի՞թե, ասում է, սա քեզ դուր չի գալիս, Պարֆեն Սեմյոնիչ»։— «Այդ բոլորը, ասում եմ, ինչ որ կարդացիր, ճիշտ է»։ «Ըհը՜, ինքդ ասում ես, որ ճիշտ է, նշանակում է, գուցե դու էլ երդվում ես, որ՝ «սա մարդու կգնա ինձ, այն ժամանակ ամեն ինչ կհիշեցնեմ նրան, ահա այն ժամանակ հախիցը կգամ»։— «Չգիտեմ, ասում եմ, գուցե և մտածում եմ այդպես»։— «Ինչպե՞ս թե չգիտես»։— «Այնպես, ասում եմ, չգիտեմ, հիմա դրա մասին չեմ մտածում»։— «Իսկ ինչի՞ մասին ես մտածում հիմա»։ «Դե ահա հենց վեր կենաս տեղիցդ, կողքովս անցնես, նայում եմ քեզ ու հետևում. շորդ խշխշա՝ սիրտս նվաղում է, իսկ երբ դուրս ես գնում սենյակից, մտաբերում եմ քո ամեն մի փոքրիկ բառը, թե ինչ ձայնով և ինչ ասացիր, իսկ այս ամբողջ գիշերը իսկի մի բանի մասին էլ չէի մտածում, շարունակ ականջ էի դնում, թե ինչպես էիր շնչում քնիդ մեջ և ինչպես մի երկու անգամ շարժվեցիր...»։― «Ով գիտի,— ծիծաղեց նա,— դու այն մասին էլ չես մտածում, որ ինձ թակեցիր, չես մտածում և չես հիշում»։— «Գուցե և, ասում եմ, մտածում եմ, չգիտեմ»։— «Իսկ եթե չներեմ և հետդ չամուսնանա՞մ»։— «Ասացի, որ ջուրը կընկնեմ, կխեղդվեմ»։— «Գուցե նախքան այդ սպանես էլ»... ասաց ու մտքերի ծովն ընկավ։ Հետո բարկացավ ու դուրս գնաց։ Մի ժամ անց գալիս է ինձ մոտ այնպես մռայլ։ «Ես, ասում է, կամուսնանամ քեզ հետ, Պարֆեն Սեմյոնիչ, և ոչ թե նրա համար, որ վախենում եմ քեզնից, այլ միևնույն է, կործանվելու եմ։ Որտե՞ղ է, որ ավելի լավ է։ Նստիր, ասում է, հիմա քեզ ճաշ կբերեն։ Իսկ եթե ամուսնանամ, ասում է, քեզ հավատարիմ կին կլինեմ, դրան մի կասկածիր և մի անհանգստանա»։ Հետո մի քիչ լռեց ու ասում է. «Այնուամենայնիվ դու լակեյ չես. ես առաջ կարծում էի, թե դու տեղովդ լակեյ ես»։ Հենց այստեղ էլ հարսանիքի օրը նշանակեց, իսկ մի շաբաթ անց ինձնից փախավ այստեղ, Լեբեդևի մոտ։ Հենց որ եկա, նա ինձ ասում է. «Ես քեզնից լիովին չեմ հրաժարվում. ես միայն դեռ էլի ուզում եմ սպասել, ինչքան քեֆս տա, որովհետև դեռ ինքս եմ գլխիս տերը։ Դու էլ սպասիր, եթե ուզում ես»։ Ահա թե ինչպիսին են հիմա մեր գործերը... Ի՞նչ ես կարծում այս բոլորի մասին, Լև Նիկոլաևիչ։
 +
 +
— Դու ինքդ ի՞նչ ես կարծում,― հարցը կրկնեց իշխանը, տխուր նայելով Ռոգոժինին։
 +
 +
— Մի՞թե ես մտածում եմ,— դուրս թռավ սրա բերանից։ Նա ուզում էր էլի մի բան ավելացնել, բայց լռեց անսահման թախիծով։
 +
 +
Իշխանը վեր կացավ և նորից ուզում էր գնալ։
 +
 +
— Ես քեզ, համենայն դեպս, չեմ խանգարի,― կամացուկ ասաց նա, գրեթե մտածկոտ, կարծես պատասխանելով իր ներքին, թաքուն մտքին։
 +
 +
— Գիտե՞ս ինչ կասեմ քեզ,— հանկարծ ոգևորվեց Ռոգոժինը և նրա աչքերը պսպղացին,— այդ ինչպե՞ս ես ինձ զիջում, չեմ հասկանում։ Մի՞թե բոլորովին դադարել ես նրան սիրելուց։ Առաջ, համենայն դեպս, դու թախծում էիր, ես ախր տեսնում էի։ Հապա էլ ինչո՞ւ գլխապատառ այստեղ հասար։ Խղճահարությունի՞ց։ (Եվ նրա դեմքը ծամածռվեց չար ծաղրից)։ Հա՜-հա՜։
 +
 +
— Դու կարծում ես, որ քեզ խաբո՞ւմ եմ,— հարցրեց իշխանը։
 +
 +
― Ոչ, ես քեզ հավատում եմ, միայն թե ոչինչ չեմ հասկանում այստեղ։ Ամենից ճիշտն այն է, որ ով գիտե, քո խղճահարությունն իմ սիրուց ավելի սաստիկ է։
 +
 +
Ինչ-որ քինոտ և անպայման անմիջապես արտահայտվել ցանկացող բան բռնկվեց նրա դեմքին։
 +
 +
— Ի՛նչ կա որ, քո սերը չարությունից տարբերել չի լինի,— ժպտաց իշխանը,— իսկ եթե դա անցնի, կարող է ավելի վատ բան լինել։ Ես, Պարֆեն եղբայր, սա քեզ ասում եմ...
 +
 +
— Կմորթե՞մ, ինչ է։
 +
 +
Իշխանը ցնցվեց։
 +
 +
— Շատ կատես նրան հենց հիմիկվա այն սիրո փոխարեն, այս ամբողջ տանջանքի փոխարեն, որ հիմա ընդունում ես։ Ինձ համար ամենազարմանալին այն է, թե նա ինչպե՞ս նորից կարող է ամուսնանալ քեզ հետ։ Երբ երեկ իմացա, հազիվ հավատացի, և այնպես ծանր ազդեց վրաս։ Չէ՞ որ արդեն երկու անգամ հրաժարվել է քեզնից ու պսակադրության ծեսից փախել, նշանակում է, նախազգացում ունի... Հիմա դու էլ նրա ինչի՞ն ես պետք։ Մի՞թե քո փողերն են գրավում։ Դատարկ բան։ Եվ ով գիտի, փողերդ էլ կարգին վատնել ես։ Մի՞թե լոկ նրա համար, որ ամուսին գտնի։ Ով ասես՝ քեզնից լավ կլինի, որովհետև դու իսկապես էլ կարող ես մորթել, և դա, կարող է պատահել, նա հիմա շատ լավ է հասկանում։ Որ դու նրան այդպես ուժգին սիրո՞ւմ ես։ Ճիշա է, դա՝ թերևս... Ես լսել եմ, որ կան այնպիսիները, որոնք հենց այդպիսի սեր են որոնում... միայն...
 +
 +
Իշխանը կանգ առավ և մտասուզվեց։
 +
 +
— Ինչո՞ւ նորից քմծիծաղ տվիր հորս պատկերի վրա,— հարցրեց Ռոգոժինը, որը չափաղանց ուշադիր հետևում էր իշխանի դեմքի ամեն մի փոփոխությանը, ամեն մի անցողիկ գծին։
 +
 +
— Ինչու քմծիծաղ տվի՞։ Մտքովս անցավ, որ եթե գլխիդ այս փորձանքը չգար, այս սերը չպատահեր, դու, հավատա, ճիշտ և ճիշտ քո հոր նման կդառնայիր և շատ կարճ ժամանակում հնազանդ ու անբարբառ կնոջդ հետ լուռումունջ կնստեիր այս տանը, հազվադեպ ու խիստ մի խոսք ասելով, ոչ մի մարդու չհավատալով և բոլորովին դրա կարիքը չզգալով, և միայն լուռ ու մռայլ՝ փող կուտակելով։ Մեկ էլ շատ֊շաա հին գրքերը կգովաբանեիր և երկմատնյա խաչակնքությամբ կհետաքրքրվեիր, այն էլ գուցե միայն օր ծերության...
 +
 +
— Ծաղրիր։ Եվ ահա նա էլ ճիշտ և ճիշտ նույնն էր ասում նորերս, երբ նույնպես դիտում էր այս պատկերը։ Զարմանալի է, թե ինչպես հիմա դուք ամեն ինչում համամիտ եք...
 +
 +
— Մի՞թե նա արդեն եղել է քեզ մոտ,— հետաքրքրությամբ հարցրեց իշխանը։
 +
 +
— Եղել է։ Երկար ժամանակ նայում էր պատկերին, հանգուցյալի մասին հարցուփորձ էր անում։ «Դու ահա ճիշտ այսպիսին կլինեիրի վերջո քմծիծաղ տվեց վրաս,— դու, ասում է, Պարֆեն Սեմյոնիչ, ուժեղ կրքեր ունես, այնպիսի կրքեր, որ դրանցով ուղիղ Սիբիր, աքսոր կթռչեիր, եթե դրանց հետ մեկտեղ խելք էլ չունենայիր, որովհետև դու մեծ խելքի տեր ես»,― ասում է (հենց այդպես էլ ասաց, հավատո՞ւմ ես, թե չէ։ Առաջին անգամ նրանից իմացա այդպիսի խոսք)։ «Դու հիմիկվա այդ ամբողջ գժությունը շուտով մի կողմ կդնեիր։ Եվ քանի որ դու բոլորովին անուսում մարդ ես, ապա կսկսեիր փող կուտակել, և հորդ պես քո ներքինիների հետ կնստեիր այս տանը. թերևս, վերջ ի վերջո նրանց հավատն ընդունեիր, և այնպես կսիրեիր քո փողերը, որ ոչ թե երկու միլիոն, այլ հավատաս տասն էլ կկուտակեիր և քո պարկերի վրա սովից կմեռնեիր, որովհետև ամեն ինչի կիրք ունես, ամեն ինչ կրքի աստիճանի ես հասցնում»։ Ահա ճիշտ այսպես էլ ասում էր, համարյա ճիշտ և ճիշտ այս բառերով։ Դեռ երբեք մինչև այդ ինձ հետ նա այդպես չէր խոսել։ Ախր նա ինձ հետ շարունակ դատարկ բաների մասին է խոսում կամ ծաղրում է. այստեղ էլ ծիծաղելով սկսեց, իսկ հետո այնպես մռայլվեց․ շրջեց այս ամբողջ տունը, զննեց և կարծես թե ինչ-որ բանից վախենում էր։ «Ես այս բոլորը կփոխեմ, ասում եմ, ու կզարղարեմ, կամ թե չէ մինչև հարսանիքը, գուցե, մի ուրիշ տուն կգնեմ»։— «Չէ՛, չէ՛, ասում է, այստեղ ոչինչ չփոխես, այսպես էլ կապրենք։ ես ուզում եմ քո մայրիկի մոտ ապրել, երբ քո կինը դառնամ»։ Ես նրան տարա մայրիկիս մոտ, դեպի նա հարգալիր էր, ինչպես հարազատ աղջիկը։ Մայրիկս առաշ էլ, ահա արդեն երկու տարի է, կարծես թե խելքը լրիվ գլխին չի (նա հիվանդ է), իսկ ծնողիս մահից հետո բոլորովին մանկացել է, անխոս ղարձել. նստում է ոտները կաթվածահար և միայն բոլորին, ում տեսնում է, նստած տեղից գլուխ է տալիս. թվում է, եթե չկերակրես, երեք օր գլխի չի ընկնի։ Ես մայրիկիս աջ ձեռքը բռնեցի, երեք մատը միացրի. «Օրհնեցեք, ասում եմ, մայրիկ, ինձ հետ պսակվում է», և նա զգացմունքով համբուրեց մայրիկիս ձեռքը։ «Հավանաբար, ասում է, շատ վիշտ է տեսել մայրիկդ»։ Ահա այu գիրքը տեսավ ինձ մոտ. «Այդ ինչ է, «Ռուսաց պատմությո՞ւնն» ես սկսել կարդալ։ (Իսկ նա մի անդամ Մոսկվայում ինքն էր ասել ինձ. «Գոնե մի բանով կրթեիր քեզ, թեկուզ Սոլովյովի «Ռուսաց պատմությունը» կարդայիր, ախր ոչ մի բան չգիտես)։ «Այդ լավ ես անում, ասաց, այդպես էլ արա, կարդա։ Ես քեզ համար մի փոքրիկ ցուցակ կկազմեմ, թե նախ և առաջ ինչ գրքեր պետք է կարդալ. ուզո՞ւմ ես, թե ոչ»։ Եվ երբեք, ախր երթեք առաջ նա ինձ հետ այդպես չէր խոսել, այնպես որ նույնիսկ զարմացրեց ինձ. առաջին անգամ շունչ քաշեցի կենդանի մարդու պես։
 +
 +
— Ես դրա համար շատ ուրախ եմ, Պարֆեն,― ասաց իշխանը անկեղծ զգացմունքով,― շատ ուրախ եմ։ Ո՞վ գիտի, գուցե աստված կհաջողեցնի, որ միասին լինեք։
 +
 +
— Դա երբեք չի լինի,— տաք-տաք գոչեց Ռոգոժինը։
 +
 +
— Լսիր, Պարֆեն, եթե դու նրան այդպես սիրում ես, մի՞թե չես ուզենա արժանանալ նրա հարգանքին։ Իսկ եթե ուզում ես, ապա մի՞թե հույս չունես։ Ահա քիչ առաջ ես ասացի, որ ինձ համար զարմանալի խնդիր է. նա ինչո՞ւ է մարդու գնում քեզ։ Ու թեև ես չեմ կարող լուծել այդ խնդիրը, սակայն, այսուհանդերձ, ինձ համար կասկածից վեր է, որ այստեղ պետք է լինի բավարար խելացի պատճառ։ Քո սիրուն նա համոզված է. բայց հավանաբար համոզված է նաև քո մի քանի արժանիքներին։ Ախր այլ կերպ չի կարող լինել։ Այն, ինչ հիմա ասացիր, հաստատում է դա։ Դու ինքդ ես ասում, որ նա հնարավոր համարեց քեզ հետ խոսել բհլորովին այլ լեզվով, քան առաջ էր վարվում ու խոսում։ Դու կասկածամիտ ես ու խանդոտ, դրա համար էլ չափազանցնում ես այն ամեն վատը, ինչ տեսել ես։ Ինչ խոսք, որ նա քո մասին այնքան վատ չի մտածում, ինչպես դու ես ասում։ Չէ՞ որ այլապես կնշանակեր, որ քեզ հետ ամուսնանալով, նա գիտակցաբար ջուրն է նետվում կամ դանակի տակ ընկնում։ Մի՞թե դա կարող է պատահել։ Ո՞վ է գիտակցաբար ջուրը նետվում կամ դանակի տակ ընկնում։
 +
 +
Դառն քմծիծաղով Պարֆենը ականջ դրեց իշխանի տաք-տաք խոսքերին։ Թվում էր, նրա համոզմունքը արդեն աներեր հաստատված էր։
 +
 +
— Ինչպես ծանր ես նայում հիմա ինձ, Պարֆեն,― ծանր զգացումով դուրս թռավ իշխանի բերանից։
 +
 +
— Ջուրը կամ դանակի տա՜կ,— ասաց վերջապես ՌոգոԺինը,— Հե՛։ Դե հենց դրա համար էլ ամուսնանում է հետս, որ հավանորեն ինձնից դանակ է սպասում։ Մի՞թե իսկապես մինչև հիմա գլխի չես ընկել, թե այստեղ ամբողջ բանն ինչ է։
 +
 +
— Ես քեզ չեմ հասկանում։
 +
 +
— Ինչ կա որ, գուցե իսկապես էլ չի հասկանում, հա՜-հա՜։ Ախր քո մասին ասում են, որ դու... ''էնիք'' ես։ Նա ուրիշին է սիրում, ահա թե ինչը հասկացիր։ Ճիշտ այնպես, ինչպես հիմա ես նրան եմ սիրում, ճիշտ այդպես էլ նա հիմա ուրիշին է սիրում։ Իսկ այդ ուրիշը գիտե՞ս ով է։ Այդ ''դո՜ւ'' ես։ Չգիտեի՞ր, ինչ է։
 +
 +
— Ե՞ս։
 +
 +
— Դու։ Նա քեզ այն ժամանակ, հենց անվանակոչության օրվանից ի վեր, սիրեց։ Միայն նա կարծում է, որ իրեն չի կարելի քեզ հետ ամուսնանալ, որովհետև նա իբր քեզ կխայտառակի և քո ամբողջ բախտը կկործանի։ «Ես, ասում է, հայտնի է, թե ինչպիսին եմ»։ Մինչև հիմա դրա մասին ինքն է պնդում» Նա այդ ամենը ուղղակի երեսիս է ասել։ Քեղ կործանել ու խայտառակելուց վախենում է, իսկ ինձ հետ ամուսնանալ, ուրեմն, ոչինչ, կարելի է, ահա թե ինչպես է նա ինձ հարգում, այս էլ նկատիր։
 +
 +
— Բայց այդ ինչպե՞ս քեզնից ինձ մոտ փախավ, իսկ․․․ ինձնից...
 +
 +
— Իսկ քեզնից ինձ մոտ։ Հե՛։ Դե ինչ ասես, որ նրա խելքին չի փչի հանկարծ։ Նա հիմա կարծես ամբողջովին տենդի մեջ է։ Մեկ երեսիս բղավում է. «Քեզ հետ ամուսնանում եմ, ոնց որ ջուրը նետվելիս լինեմ։ Շուտ, հարսանիքն անենք»։ Ինքն է շտապեցնում, օր է նշանակում, իսկ ժամանակը որ մոտենում է, վախենում է, կամ ուրիշ մտքեր են գալիս գլուխը, աստված գիտի, թե ինչ, ախր ինքդ տեսար, լալիս է, ծիծաղում, տենդով բռնված ցնցվում։ Այստեղ զարմանալու ի՞նչ կա, որ քեզնից էլ է փախել։ Նա այն ժամանակ քեզնից նրա համար փախավ, որ ինքն էլ գլխի ընկավ, թե որքան ուժգին է սիրում քեզ։ Նրա ուժերից վեր էր քեզ մոտ մնալ։ Դու ահա քիչ առաջ ասացիր, որ ես այն ժամանակ նրան փնտրեցի դտա Մոսկվայում, ճիշտ չէ. նա ինքն ինձ մոտ փախ տվեց քեզնից. «Օր նշանակիր, ասում է, ես պատրաստ եմ։ Շամպայն տուր։ Գնչուների մոտ գնանք»,— բղավում է... Դե եթե ես չլինեի, նա արդեն վաղուց ջուրը նետված կլիներ․ ճիշտ եմ ասում։ Դրա համար էլ չի նետվում, որ ես, գուցե, ջրից էլ սարսափելի եմ։ Ջգրու է ամուսնանում ինձ հետ․․․. Եթե ամուսնանա, ապա ճիշտ եմ ասում, որ ''ջգրու'' կամուսնանա։
 +
 +
— Հապա ինչպե՜ս ես դու... ինչպե՜ս ես դու...— գոչեց իշխանը և չավարտեց։ Նա սարսափով նայում էր Ռոգոժինին։
 +
 +
— Էլ ինչո՞ւ չես վերջացնում,— ավելացրեց սա, ատամները ցույց տալով,— ուզո՞ւմ ես ասեմ, թե հենց այս րոպեիս ինքդ քեղ ինչ ես մտածում. «Հիմա ինչպե՞ս պիտի նա սրա հետ ամուսնանա։ Ինչպե՞ս թույլ տամ նրան այդ բանը»։ Հայտնի է, թե ինչ ես մտածում․․․
 +
 +
— Ես դրա համար չէի գալիս այստեղ, Պարֆեն, ասում եմ քեզ, այդ չէր մտքինս․․․
 +
 +
— Այդ կարող է պատահել, որ դրա համար չէիր գալիս և այդ չէր մտքինդ, բայց հիմա արդեն հաստատորեն դարձավ դրա համար, հի՜֊հի՜։ Դե, բավական է։ Ինչո՞ւ այդպես տակնուվրա եղար։ Դե մի՞թե իսկապես չգիտեիր այդ։ Զարմացնում ես ինձ։
 +
 +
— Այդ բոլորը խանդ է, Պարֆեն, այդ բոլորը հիվանդություն է, այդ ամենը դու անսահման չափազանցրիր․․․― քրթմնջաց իշխանը արտակարգ հուզմունքով,— ի՞նչ ես ասում։
 +
 +
— Թող,— ասաց Պարֆենը և իշխանի ձեռքից արագ խլեց դանակը, որ նա վերցրել էր սեղանին գրած գրքի մոտից, և նորից դրեց առաջվա տեղը։
 +
 +
— Ես կարծես գիտեի, երբ մտնում էի Պետերբուրգ, կարծես նախազգում էի․․․— շարունակեց իշխանը,— չէի ուզում այստեղ գալ։ Ես ուզում էի այստեղի ամեն ինչը մոռանալ, դուրս պոկել սրտիցս։ Դե, մնաս բարով․․․ Դե, ի՜նչ ես անում։
 +
 +
Խոսելով, իշխանը ցրվածությամբ նորից էր սեղանի վրայից ձեռքն առել նույն դանակը, և Ռոգոժինը նորից խլեց նրա ձեռքից ու նետեց սեղանին։ Դա բավական հասարակ ձևի դանակ էր, եղջերյա կոթով, չծալվող, մոտ երեք ու կես վերշոկ երկարությամբ ու համապատասխան լայնության շեղբով։
 +
 +
Տեսնելով, որ իշխանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ նրա ձեռքից երկու անգԽմ խլեցին այդ դանակը, Ռոգոժինը չար զայրույթով վերցրեց այն, դրեց գրքի մեջ և գիրքը նետեց մյուս սեղանին։
 +
 +
— Դու սրանով թերթե՞րն ես կտրատում, թե ինչ,— հարցրեց իշխանը, բայց մի տեսակ ցրված, կարծես դեռ շարունակ խիստ մտածմունքի ճնշման ներքո։
 +
 +
— Այո, թերթերը...
 +
 +
— Չէ՞ որ սա այգու դանակ է։
 +
 +
— Այո, այգու է։ Մի՞թե այգու դանակով չի կարելի թերթեր կտրատել։
 +
 +
— Բայց նա... բոլորովին նոր է։
 +
 +
— Հետո՞ ինչ, որ նոր է։ Մի՞թե ես չեմ կարող հենց հիմա նոր դանակ գնել,— ինչ-որ կատաղությամբ վերջապես բղավեց ամեն խոսքի հետ ավելի ևս գրգռվող Ռոգոժինը։
 +
 +
Իշխանը ցնցվեց և ուշադիր նայեց Ռոգոժինին։
 +
 +
— Այ թե գժվեցի՜նք,— ծիծաղեց հանկարծ նա, բոլորովին սթափվելով։— Ներիր ինձ, եղբայր, երբ գլուխս այնպես ծանր է, ինչպես հիմա և այս հիվանդությանը... Ես բոլորովին, բոլորովին դառնում եմ այսպես ցրված ու ծիծաղելի։ Ես բոլորովին էլ դրա մասին չէ, որ ուզում կի հարցնել․․․ չեմ հիշում ինչի մասին։ Մնաս բարով...
 +
 +
— Այդ կողմ չէ,— ասաց Ռոգոժինը։
 +
 +
— Մոռացա։
 +
 +
— Այս կողմ, այս կողմ, գնանք, ես ցույց կտամ։
 +
 +
 +
=== IV ===
 +
 +
Գնացին նույն սենյակներով, որոնցով արդեն եկել էր իշխանը. Ռոգոժինը գնում էր փոքր֊ինչ առջևից, իշխանը նրա հետևից։ Մտան մի մեծ դահլիճ։ Այստեղ պատերից կախված էր մի քանի նկար, բոլորը հայրապետների պատկերներ ու բնանկարներ, որոնց վրա ոչինչ չկր կարելի զանազանել։ Դեպի մյուս սենյակը տանող դռան վերև կախված էր իր ձևով բավական տարօրինակ մի նկար, մոտ երկու և կես արշին երկարությամբ և վեց վերշոկից ոչ ավելի բարձրությամբ։ Նա պատկերում էր հենց նոր խաչից հանած փրկչին։ Իշխանը հարևանցի նայեց դրան, կարծես մի բան մտաբերելով, ի դեպ, կանգ չառնելով, ուզում էր դուռն անցնել։ Նրա համար շատ ծանր էր և ուզում էր որքան կարելի է շուտ դուրս գալ այդ տնից։ Բայց Ռոգոժինը հանկարծ կանգ առավ պատկերի առաջ։
 +
 +
― Ահա այստեղի այս բոլոր նկարները,― ասաց նա,— աճուրդով մի ռուբլով ու երկու ռուբլով է գնել հանգուցյալ հայրիկս, նա սիրում էր։ Մի հասկացող մարդ սրանք բոլորը նայեց այստեղ, զիբիլ է, ասում է, իսկ ահա սա, նույնպես երկու ռուբլով գնված՝ դռան վերևի այս նկարը, զիբիլ չէ։ Մեկն էլ գտնվեց, որ դրա համար ծնողիս երեք հարյուր հիսուն ռուբլի էր տալիս, իսկ Սավելևը՝ Իվան Դմիտրիչը, վաճառականներից, մեծ սիրահար է, նա մինչև չորս հարյուր էր տալիս, իսկ անցյալ շաբաթ Սեմյոն Սեմյոնիչ եղբորս արդեն հինգ հարյուր էլ էր առաջարկել։ Ես ինձ պահեցի։
 +
 +
— Ախր սա... Հանս Հոլբեյնի նկարի պատճենն է,― ասաց իշխանը, ուշադիր նայելով նկարին,— ու թեև ես մեծ գիտակ չեմ, բայց կարծես հիանալի պատճեն է։ Ես այս պատկերը արտասահմանում եմ տեսել և մոռանալ չեմ կարող։ Բայց․․ այդ ի՞նչ ես...
 +
 +
Ռոգոժինը հանկարծ պատկերը թողեց ու առաջվա ճանապարհով առաջ գնաց։ Իհարկե, Ռոգոժինի մեջ այդպես անակնկալ հայտնված ցրվածությունն ու առանձնահատուկ, տարօրինակ գրգռված տրամադրությունը, թերևս, կարող էր բացատրել այդ կտրուկ շարժումը, բայց և այնպես իշխանի համար մի տեսակ զարմանալի թվաց, որ այդպես հանկարծ ընդհատվեց խոսակցությունը, որն ինքը չէր սկսել, և որ Ռոգոժինը նույնիսկ չպատասխանեց նրան։
 +
 +
— Իսկ ինչպե՞ս է, Լև Նիկոլաևիչ, վաղուց է ուղում էի քեզ հարցնել, դու աստծուն հավատո՞ւմ ես, թե ոչ,— հանկարծ նորից սկսեց խոսել Ռոգոժինը, մի քանի քայլ անցնելով։
 +
 +
— Ինչ տարօրինակ ես հարցնում և... նայում,— նկատեց իշխանն ակամա։
 +
 +
— Իսկ այդ նկարին ես սիրում եմ նայել,— փոքր-ինչ լռելով, մրթմրթաց Ռոգոժինը, կարծես նորից մոռանալով իր հարցը։
 +
 +
— Այդ նկարի՜ն,— գոչեց հանկարծ իշխանը, մի հանկարծակի մտքի ազդեցության տակ,— այդ նկարի՜ն։ Ախր այդ նկարից ոմանք կարող են հավատն էլ կորցնել։
 +
 +
— Եվ կորչում է,— հանկարծ անսպասելի հաստատեց Ռոգոժինը։ Նրանք արդեն հասել էին ելքի դռանը։
 +
 +
— Ինչպե՞ս թե,— կանգ առավ հանկարծ իշխանը,— ի՞նչ ես ասում։ Ես համարյա կատակ էի անում, իսկ դու այդպես լուրջ։ Եվ ինչո՞ւ ինձ հարցրիր՝ հավատո՞ւմ եմ արդյոք աստծուն։
 +
 +
― Է, ոչինչ, հենց այնպես։ Ես առաջ էլ ուզում էի հարցնել։ Ախր հիմա շատերը չեն հավատում։ Իսկ ճի՞շտ է (դու արտասահմանում ապրել ես), մեկն ինձ հարբած վիճակում ասում էր, թե մեզ մոտ, Ռուսաստանում, ավելի քան բոլոր երկրներում, կան այնպիսիները, որ աստծուն չեն հավատում։ «Մեզ համար, ասում է, դա ավելի հեշտ է, քան նրանց, որովհետև մենք նրանցից առաջ ենք անցել․․․»։
 +
 +
Ռոգոժինը կծու քմծիծաղ տվեց. իր հարցը տալով, նա հանկարծ դուռը բացեց և,փականի կոթը բռնած, սպասում էր, որ իշխանը դուրս գա։ Իշխանը զարմացավ, բայց դուրս եկավ։ Ռոգոժինը հետևից դուրս եկավ սանդուղքի հարթակը և իր հետևից դուռը փակեց։ Երկուսն էլ իրար առաջ կանգնել էին այնպիսի տեսքով, որ թվում է, երկուսն էլ մոռացել էին, թե ուր են եկել և հիմա ինչ պետք է անել։
 +
 +
— Դե, մնաս բարով,— ասաց իշխանը, ձեռքը պարզելով։
 +
 +
— Գնաս բարով,— ասաց Ռոգոժինը, ամուր, բայց բոլորովին մեքենայորեն սեղմելով իրեն պարզած ձեռքը։
 +
 +
Իշխանը մի աստիճան ցած իջավ և շրջվեց։
 +
 +
— Իսկ հավատի վերաբերյալ,— սկսեց նա ժպտալով (ըստ երևույթին չուզենալով անպատասխան թողնել Ռոգոժինի հարցը) և բացի այդ աշխուժանալով մի անակնկալ հիշողության ազդեցության ներքո,— հավատի վերաբերյալ ես անցյալ շաբաթ երկու օրում չորս տարբեր հանդիպումներ ունեցա։ Առավոտյան ճանապարհ էի գնում մի նոր երկաթուղով և մոտ չորս ժամ մի Ս֊ի հետ զրուցեցի վագոնում, հենց այդտեղ էլ ծանոթացա նրա հետ։ Ես առաջ էլ շատ բան էի լսել նրա մասին և, ի միջի այլոց, որպես աթեիստի։ Նա հիրավի շատ գիտուն մարդ է, և ես ուրախացա, որ իսկական գիտնականի հետ եմ խոսելու։ Բացի այդ, նա հազվագյուտ լավ դաստիարակված մարդ է, այնպես որ ինձ հետ խոսում էր ինչպես գիտելիքներով ու հասկացություններով միանգամայն իրեն հավասարի հետ։ Աստծուն նա չի հավատում։ Միայն մի բան ինձ զարմացրեց, որ ամբողջ ժամանակ կարծես թե բոլորովին այն մասին չէր խոսում, և հենց այն պատճառով զարմացրեց, որ առաջ էլ, ինչքան հանդիպել եմ ոչ հավատացյալների և ինչքան այդպիսի գրքեր եմ կարդացել, ինձ շարունակ թվացել է, թե և՛ խոսում, և՛ գրքերում գրում են բոլորովին ոչ այն մասին, թեպետև արտաքուստ թվում է, թե այդ մասին է։ Ես դա նրան հենց այն ժամանակ ասացի, բայց, ըստ երևույթին, անորոշ կամ չկարողացա արտահայտել, որովհետև նա ոչինչ չհասկացավ․․․ Երեկոյան ես իջևանեցի գավառական հյուրանոցում գիշերելու, և այդտեղ հենց նոր մի սպանություն էր պատահել, անցյալ գիշերը, այնպես որ, երբ ես եկա, բոլորն այդ մասին էին խոսում։ Երկու գեղջուկ, և տարիքն առած, և չհարբած, և վաղուց արդեն իրար ծանոթ, բարեկամներ, թեյ են խմել և ուզեցել են միասին, մի խցում քնել։ Բայց վերջին երկու օրը մեկը մյուսի մոտ թաքուն տեսել էր դեղին հուլունքե շղթայով մի արծաթե ժամացույց, որն, ըստ երևույթին, առաջ չէր տեսել։ Այդ մարդը գող չէր, նույնիսկ ազնիվ էր և ըստ գյուղական կենցաղի, բոլորովին աղքատ չէր։ Բայց նրան այնքան էր դուր եկել այդ ժամացույցը և այնքան էր գայթակղել նրան, որ նա, վերջապես, չդիմացավ․ դանակը վերցրեց և, երբ բարեկամը շուռ եկավ, զգուշությամբ նրան մոտեցավ հետևից, նշան բռնեց, աչքերը երկինք հառեց, երեսը խաչ հանեց և, մտքում դառն աղոթք արտասանելով՝ «Տեր, ներիր ի սեր Քրիստոսի», բարեկամին մորթեց մի հարվածով, ինչպես ոչխարի, և ժամացույցը հանեց նրա գրպանից։
 +
 +
Ռոգոժինը ծիծաղից թուլացավ։ Նա այնպես էր հռհոռւմ, կարծես ինչ-որ նոպայի մեջ լիներ։ Նույնիսկ տարօրինակ էր այդ ծիծաղին նայել քիչ առաջվա այդպիսի մռայլ տրամադրությունից հետո։
 +
 +
— Այ դա ես սիրո՜ւմ եմ։ Չէ, ահա դա ամենից լա՜վն է,— բացականչում էր նա ջղաձգաբար, համարյա շնչահեղձ լինելով,— մեկը բոլորովին չի հավատում աստծուն, իսկ մյուսը այնքան է հավատում, որ նույնիսկ մարդկանց մորթում է աղոթքով․․․ Չէ, այդ տեսակ բանը, եղբայր իշխան, հնարել չի լինի՜։ Հա՛֊հա՛-հա՛։ Չէ, դա ամենից լա՜վն է․․․
 +
 +
— Առավոտյան ես քաղաք դուրս եկա մի քիչ թափառելու,— շարունակեց իշխանը, հենց որ Ռոգոժինը դադարեց, թեև ծիծաղը դեռևս ցնցողաբար ու նոպաներով դողում էր նրա շուրթերին,— տեսնեմ տախտակե մայթով քարշ է գալիս բոլորովին խոշտանգված տեսքով մի հարբած զինվոր։ Մոտենում է ինձ. «Ապա, գնիր արծաթե խաչս, ընդամենը քսան կոպեկի եմ տալիս․ արծա՜թ է»։ Տեսնեմ ձեռքին մի խաչ կա, և, ըստ երևույթին, հենց նոր է հանել վզից, երկնագույն, խիստ մաշված ժապավենի վրա, միայն թե իսկական կապարե, առաջին հայացքից էլ երևում է, մեծ չափսի, ութթևանի, լիակատար բյուգանդական գծագրությամբ։ Ես մի քսանկոպեկանոց հանեցի ու նրան տվի, իսկ խաչը տեղնուտեղը վիզս գցեցի, և նրա դեմքից երևում էր, թե որքան գոհ է, որ խաբեց հիմար աղային, և անմիջապես գնաց իր խաչի գինը խմելու, դա արդեն անկասկած էր։ Ես, եղբայր, այն ժամանակ ամենաուժեղ տպավորության տակ էի այն ամենի, որ ուղղակի հորդում էր ինձ վրա Ռուսաստանում. առաջ նրանից ոչինլ չէի հասկանում, մեծանում էի ասես անլեզու և արտասահմանում անցկացրած այս հինգ տարվա ընթացքում նրա մասին հիշում էի մի տեսակ ֆանտաստիկ ձևով։ Ահա գնում եմ ու մտածում․ չէ, դեռ կհամբերեմ դատապարտելու այս խաչավաճառին։ Չէ՞ որ աստված գիտի, թե ինչ կա այդ հարբած ու թույլ սրտերում։ Մի ժամ հետո, հյուրանոց վերադառնալով, հանդիպեցի ծծկեր երեխայով մի կնկա։ Կնիկը դեռ ջահել էր, երեխան մի վեց շաբաթական կլիներ։ Երեխան նրան ժպտաց, ինչպես դիտել էր մայրը, իր ծննդից ի վեր առաջին անգամ։ Տեսնեմ՝ կնիկը հանկարծ այնպես աստվածավախորեն երեսը խաչակնքեց։ «Այդ ինչո՞ւ, ասում եմ, ջահել հարս»։ (Ես ախր այն ժամանակ շարունակ հարցուփորձ կի անում)։ «Ահա, ասում է, ճիշտ էնենց, ոնց որ լինում է մոր ուրախությունը, երբ նա նկատում է իր պստլիկի առաջին ժպիտը, հենց ճիշտ էնենց էլ ուրախանում է աստված, ամեն անգամ, երբ երկնքից տեսնում է, որ մեղավորը իր ամբողջ սրտով աղոթքի է չոքում նրա առաջ»։ Դա ինձ մի կնիկ ասաց, գրեթե հենց այս խոսքերով, և այնպիսի խորունկ, այնպիսի նուրբ ու ճշմարիտ կրոնական միտք, այնպիսի մի միտք, որի մեջ միանգամից արտահայտվեց քրիստոնեության ողջ էությունը, այսինքն՝ ողջ հասկացողությունը այն մասին, թե աստված մեր հարազատ հայրն է և մարդու վրա նա ուրախանում է ինչպես հայրն է ուրախանում հարազատ մանկան վրա, որը Քրիստոսի ամենագլխավոր միտքն է։ Մի հասարա՜կ կնիկ։ Ճիշտ կ, մայր... և, ով գիտի, գուցե այդ կնիկը հենց այն զինվորի կինն էր։ Լսիր, Պարֆեն, դու քիչ առաջ ինձ հարցրիր, ահա իմ պատասխանը. կրոնական զգացմունքի էությունը ոչ մի դատողության, ոչ մի զանցանքի ու հանցագործության և ոչ մի աթեիզմի չի ենթարկվում։ Այստեղ ինչ-որ այն չէ, և միշտ այսպես կլինի․ այստեղ մի այնպիսի բան է, որի վրա միշտ կսայթաքեն աթեիզմները և շարունակ կխոսեն ''ոչ այն մասին''։ Բայց գլխավորն այն է, որ դա ամենից ավելի պարզ և ամենից շուտ կնկատես ռուսական սրտի վրա, ահա իմ եզրակացությունը։ Դա իմ ամենաառաջին համոզմունքներից մեկն է, որ արտաբերում եմ մեր Ռուսաստանից։ Անելու բան շատ կա, Պարֆեն։ Անելու բան կա մեր ռուսական աշխարհում, հավատա՛ ինձ։ Միտքդ բեր, թե ինչպես Մոսկվայում մի ժամանակ հանդիպում ու զրուցում էինք ես ու դու... Եվ հիմա բոլորովին չէի ուզում այստեղ վերադառնալ։ Եվ բոլորովին, բոլորովին այսպես չէի կարծում քեզ հետ հանդիպելիս։ Էհ, ի՛նչ արած․․․ Մնաս բարով, ցտեսություն։ Աստված հետդ լինի։
 +
 +
Նա շուռ եկավ ու սանդուղքով իջավ ցած։
 +
 +
— Լև Նիկոլա՜ևիչ,— վերևից կանչեց Պարֆենը, երբ իշխանը հասավ առաջին սանդղահարթակին,— զինվորից գնած խաչը մո՞տդ է։
 +
 +
— Այո, վզիս է։
 +
 +
Եվ իշխանը նորից կանգ առավ։
 +
 +
— Հապա մի ցույց տուր։
 +
 +
Դարձյալ նոր տարօրինակություն։ Նա մի փոքր մտածեց, վերև բարձրացավ և առանց վզից հանելու իր խաչը ցուցադրեց նրան։
 +
 +
— Ինձ տուր,— ասաց Ռոգոժինը։
 +
 +
— Ինչո՞ւ։ Մի՞թե դու...
 +
 +
Իշխանը չէր ուզենա բաժանվել այդ խաչից։
 +
 +
— Վիզս կգցեմ, իսկ իմը կհանեմ քեզ կտամ, դու կրիր։
 +
 +
— Ուզում ես խաչերս փոխանակե՞նք։ Խնդրեմ, Պարֆեն, եթե այդպես է, ես ուրախ եմ, եղբայրանանք։
 +
 +
Իշխանը հանեց իր կապարե խաչը, Պարֆենը՝ իր ոսկյա, և փոխանակեցին։ Պարֆենը լուռ էր։ Ծանր զարմանքով նկատեց իշխանը, որ առաջվա թերահավատությունը, առաջվա դառն ու գրեթե ծաղրական ժպիտը կարծես դեռևս չէր անցնում նրա եղբայրացուի երեսից, համենայն դեպս որոշ ակնթարթներ խիստ արտահայտվում էր։ Վերջապես Ռոգոժինը լուռ բռնեց իշխանի ձեռքը և միառժամանակ կանգնել էր, մի տեսակ չիմանալով իր ինչ անելը. վերջապես հանկարծ նրան քաշեց իր հետևից, հազիվ լսելի ձայնով արտասանելով. «Գնանք»։ Անցան առաջին հարկի հարթակով և զանգահարեցին իրենց դուրս եկած դռան դիմացի դուռը, որը շուտով բաց արին նրանց առաջ։ Ամբողջովին կորացած ու սևեր հագած, գլուխը թաշկինակ կապած մի պառավ կին լուռ ու խոր գլուխ տվեց Ռոգոժինին. սա շտապ ինչ֊որ բան հարցրեց կնոջը և, կանգ չառնելով պատասխանը լսելու, իշխանին առաջ տարավ սենյակների միջով։ Նորից սկսվեց խավար սենյակների շարք, ինչ֊որ արտասովոր, սառը մաքրությամբ, պաղ ու խիստ, սպիտակ մաքուր ծածկոցներով ծածկված հինավուրց կահ֊կարասիով կահավորված սենյակներ։ Առանց զեկուցելու, Ռոգոժինը իշխանին մտցրեց հյուրասենյակի նմանող մի ոչ մեծ սենյակ, որը կիսված էր կողքերից երկու դուռ ունեցող կարմրափայտ, պսպղուն միջնորմով, որի հետև, հավանաբար, ննջարան էր։ Հյուրասենյակի անկյունում, վառարանի մոտ, բազկաթոռին նստած էր մի փոքրամարմին պառավ, արտաքուստ դեռ չէր կարելի ասել, թե շատ պառավ, նույնիսկ բավական առողջ, հաճելի և կլոր երեսով, բայց արդեն բոլորովին սպիտակահեր և (առաջին հայացքից կարելի էր եզրակացնել) կատարելապես մանկացած։ Նա բրդյա սև զգեստ էր հագել, վզին մի մեծ, սև թաշկինակ, զլխին՝ սև ժապավեններով սպիտակ մաքուր գլխադիր։ Ոտները հենված էին փոքրիկ աթոռակին։ Նրա մոտ գտնվում էր մի ուրիշ մաքրազգեստ պառավ, նրանից մի քիչ ավելի տարեց, նույնպես սգազգեստով և նույնպես սպիտակ գլխադիրով, ըստ երևույթին մի ձրիակյաց կին, և լուռ գուլպա էր գործում։ Ըստ երևույթին նրանք երկուսն էլ շարունակ լուռ էին։ Առաջին պառավը Ռոգոժինին և իշխանին տեսնելով, ժպտաց նրանց և մի քանի անդամ սիրալիր խոնարհեց գլուխը, ի նշան գոհունակության։
 +
 +
— Մայրիկ,— ասաց Ռոգոժինը, համբուրելով նրա ձեռքը,— ահա իմ լավ բարեկամը՝ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկինը. մենք մեր խաչերը փոխանակեցինք. նա մի ժամանակ Մոսկվայում ինձ համար հարազատ եղբոր պես էր, շատ բան արեց ինձ համար։ Օրհնիր նրան, մայրիկ, ինչպես հարազատ որդուդ կօրհնեիր։ Կաց, պառավ, ահա այսպես, սպասիր մատներդ միացնեմ․․․
 +
 +
Բայց պառավը, մինչև Պարֆենը կհասցներ բռնել, բարձրացրեց իր աջ ձեռքը, երեք մատը միացրեց և երեք անգամ աստվածավախորեն խաչակնքեց իշխանին։ Ապա մի անգամ ևս սիրալիր ու քնքուշ գլուխ տվեց նրան։
 +
 +
— Դե, գնանք, Լև Նիկոլաևիչ,— ասաց Պարֆենը,— ես միայն դրա համար բերի քեզ...
 +
 +
Երբ նորից դուրս եկան սանդուղք, նա ավելացրեց.
 +
 +
— Ահա նա ախր ոչինչ չի հասկանում, թե ինչ են ասում, և ոչինչ չհասկացավ իմ բոլոր խոսքերից, իսկ քեզ օրհնեց, նշանակում է, ինքն ուզեց... գնաս բարով, ինձ էլ, քեզ էլ ժամանակն է։
 +
 +
Եվ նա բաց արեց դուռը։
 +
 +
— Թույլ տուր գոնե գրկեմ քեզ հրաժեշտի ժամին, տարօրինակ մարդ,— գոչեց իշխանը, քնքուշ կշտամբանքով նայելով նրան, և ուզում էր փարվել։ Բայց Պարֆենը հազիվ էր բարձրացրել ձեռքերը, որ իսկույն նորից ցած գցեց, նա սիրտ չէր անում, նա շուռումուռ էր գալիս, որպեսզի չնայեր իշխանին։ Նա չէր ուզում փարվել նրան։
 +
 +
— ՄԻ՛ վախենա։ Թեև քո խաչն առա, բայց ժամացույցի համար չե՜մ մորթի,— անորոշ քրթմնջաց նա, հանկարծ մի տեսակ տարօրինակ ծիծաղելով։ Բայց հանկարծ նրա ամբողջ դեմքը այլափոխվեց, նա սարսափելի գունատվեց, շրթունքները դողդողացին, աչքերը բոցավառվեցին։ Նա ձեռքերը բարձրացրեց, ամուր գրկեց իշխանին և, շնչահեղձ լինելով, ասաց.
 +
 +
— Ա՛ռ նրան, եթե ճակատագիրդ է։ Քո՜նն է։ Զիջում եմ հիշի՜ր Ռոգոժինին։
 +
 +
Եվ թողնելով իշխանին, առանց նրան նայելու, շտապ ներս մտավ և իր հետևից շրխկացրեց դուռը։
 +
 +
 +
=== V ===
 +
 +
Արդեն ուշ էր, համարյա երեքի կեսը, և իշխանը Եպանչինին տանը չգտավ։ Այցետոմսը թողնելով, նա վճռեց գնալ «Վեսի» հյուրանոցը և այնտեղ հարցնել Կոլյայի մասին, իսկ եթե նա այնտեղ չլինի, տոմսակ թողնել։ «Վեսի»-ում նրան ասացին, որ Նիկոլայ Արդալիոնովիչը «դուրս է գնացել դեռևս առավոտյան, բայց գնալիս նախազգուշացրել է, որ եթե պատահմամբ որևէ մեկը գա իրեն հարցնի, ապա հայտնեն, որ նա գուցե ժամը երեքի մոտ կգա։ Իսկ եթե մինչև չորսի կեսը այստեղ չլինի, նշանակում է գնացքով Պավլովսկ է գնացել, տիկին Եպանչինայի ամառանոցը, և այնտեղ էլ, կնշանակի, կճաշի»։ Իշխանը նստեց սպասելու և, ի դեպ, ճաշ պահանջեց իր համար։
 +
 +
Ժամը չորսի կեսին և նույնիսկ չորսին մոտ Կոլյան չհայտնվեց։ Իշխանը դուրս եկավ և մեքենայորեն քայլերն ուղղեց ուր որ պատահի։ Ամռան սկզբին Պետերբուրգում երբեմն պատահում են սքանչելի օրեր՝ պայծառ, շոգ, խաղաղ։ Կարծես դիտմամբ այդ օրը այդպիսի հազվադեպ օրերից մեկն էր։ Միառժամանակ իշխանը թափառում էր աննպատակ։ Քաղաքը նրան քիչ էր ծանոթ։ Նա երբեմն կանգ էր առնում փողոցների խաչմերուկներում, որոշ տների առաջ, հրապարակներում, կամուրջների վրա, մի անգամ մտավ մի հրուշակարան հանգստանալու։ Երբեմն մեծ հետաքրքրությամբ սկսում էր դիտել անցորդներին. բայց ամենից հաճախ չէր նկատում ոչ անցորդներին, ոչ այն, թե ինքը որտեղով է անցնում։ Նա տանջալից լարման ու անհանգստության մեջ էր և միաժամանակ առանձնանալու արտակարգ պահանջ էր զգում։ Նա ուզում էր մենակ լինել և անձնատուր լինել այդ ողջ տառապալից լարվածությանը բոլորովին կրավորական ձևով, չորոնելով ամենափոքր իսկ ելք։ Նա նողկանքով խուսափում էր իր հոգին ու սիրտը հորդած հարցերի լուծումից։ «Ի՛նչ, մի՞թե ես մեղավոր եմ այս ամենի մեջ»,— քրթմնջում էր նա ինքն իրեն, գրեթե չգիտակցելով իր խոսքերը։
 +
 +
Ժամը վեցի մոտ նա հայտնվեց Ցարսկոսելսկի երկաթուղու կառամատույցում։ Միայնությունը շուտով նրա համար անտանելի դարձավ. մի նոր ավյուն համակեց նրա սիրտը և մի վայրկյան պայծառ լույսով լուսավորեց խավարը, որի մեջ թախծում էր նրա հոգին։
 +
 +
Նա Պավլովսկի տոմս վերցրեց և անհամբերությամբ շտապում էր մեկնել, բայց, իհարկե, նրան ինչ֊որ բան հետապնդում էր, և դա իրողություն էր, այլ ոչ թե ֆանտազիա, ինչպես, թերևս, նա հակված էր մտածել։ Գրեթե արդեն գնացք նստելով, նա հանկարծ հենց նոր վերցրած տոմսը գցեց հատակին և ետ վերադարձավ կայարանից, շփոթված ու մտախոհ։ Որոշ ժամանակ անց, փողոցում, նա կարծես ինչ֊որ բան մտաբերեց, կարծես հանկարծակի մի բան հասկացավ, շատ տարօրինակ բան, որ արդեն շատ երկար նրան անհանգստացնում էր։ Նա հանկարծ գիտակցաբար իրեն բռնեց արդեն վաղուց շարունակվող մի զբաղմունքի մեջ, որը սակայն ինքը չէր նկատում մինչ այդ վայրկյանը. ահա արդեն մի քանի ժամ էր, նույնիսկ դեռ «Վեսի»֊ում, կարծես նույնիսկ մինչև «Վեսի»-ն, մեկ էլ տեսար, նա կարծես հանկարծ սկսում էր իր շուրջը ինչ֊որ բան որոնել։ Եվ նույնիսկ կմոռանար երկար ժամանակ, մոտ կես ժամ, և հանկարծ նորից անհանգստացած շուրջն էր նայում ու փնտրում։
 +
 +
Բայց հենց որ նա իր մեջ նկատեց այդ հիվանդագին և մինչև հիմա միանգամայն անգիտակից շարժումը, որն այնքան վաղուց տիրել էր նրան, հանկարծ նրա առաջ առկայծեց մի այլ հիշողություն ևս, որը չափազանց հետաքրքրեց նրան. նա հիշեց, որ այն րոպեին, երբ ինքը նկատեց, որ շարունակ ինչ-որ բան է որոնում իր շուրջը, նա կանգնած էր մայթին մի խանութի մոտ և մեծ հետաքրքրությամբ դիտում էր լուսամուտում ցուցադրված ապրանքը։ Նա հիմա ուզեց անպայման ստուգել, արդյոք իսկապե՞ս նա հիմա, գուցե ընդամենը հինգ րոպե առաջ կանգնել էր այդ կրպակի լուսամուտի առաջ, արդյոք աչքին չէ՞ր երևացել, մի բան չէ՞ր շփոթել։ Իրականում գոյություն ունի՞ արդյոք այդ կրպակը և այդ ապրանքը։ Չէ՞ որ հիրավի նա այսօր իրեն զգում է առանձնապես հիվանդագին տրամադրության մեջ, գրեթե այնպիսի, ինչպես լինում էր առաջ, իր առաջվա հիվանդության նոպաները սկսվելու պահին։ Նա գիտեր, որ այդպիսի նոպայի ժամանակ ինքը լինում է չափազանց ցրված, և նույնիսկ հաճախ խառնում է առարկաներն ու դեմքերը, եթե դրանց նայում է առանց բացառիկ լարված ուշադրության։ Հայց և հատուկ պատճառ կար, որի համար նա այնպես սաստիկ ցանկացավ ստուգել, թե արդյոք ինքը կանգնե՞լ էր կրպակի առաջ. կրպակի լուսամուտում ցուցադրված իրերի շարքում մի բան կար, որին նա նայել էր և նույնիսկ գնահատել վաթսուն կոպեկ արծաթով, նա այդ հիշում էր, չնայած իր ամբողջ ցրվածությանն ու տագնապին։ Հետևաբար, եթե այդ կրպակը գոյություն ունի և եթե այդ իրը մյուս ապրանքների հետ իրոք ցուցադրված է, ապա նշանակում է, հենց այդ իրի համար էր կանգ առնում։ Նշանակում է այդ առարկան նրա համար այնպիսի ուժգին հետաքրքրություն էր պարունակում իր մեջ, որ նրա ուշադրությունը գրավեց նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը գտնվում էր այնպիսի ծանր հուզմունքի մեջ, երկաթուղու կայարանից հենց նոր դուրս գալիս։ Նա քայլում էր, գրեթե անձկությամբ նայելով դեպի աջ, և նրա սիրտը տրոփում էր անհանգիստ անհամբերությունից։ Բայց ահա այդ կրպակը, վերջապես գտա՜վ։ Նա արդեն հինգ հարյուր քայլի վրա էր այդ կրպակից, երբ մտածեց ետ վերադառնալ։ Ահա և այդ առարկան, վաթսուն կոպեկի արժողությամբ. «Իհարկե, վաթսուն կոպեկ, ավելին չարժե»,— հաստատեց նա հիմա ու ծիծաղեց։ Բայց ծիծաղեց հիստերիկաբար․ նա շատ ծանր զգաց։ Նա հիմա պարզ հիշեց, որ հենց այստեղ, այս լուսամուտի առաջ կանգնած, հանկարծ շուռ եկավ, ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ, երբ իր վրա բռնեց Ռոգոժինի հայացքը։ Համոզվելով, որ չի սխալվել (որում, ի դեպ, մինչև ստուգելն էլ համոզված էր), նա կրպակը թողեց ու արագ հեռացավ նրանից։ Այս ամենը պետք է արագ կշռադատել, անպայման, հիմա պարզ էր, որ կայարանում էլ նրա աչքին չէր երևացել, որ նրան անպայման իրական և անպայման նրա այդ ամբողջ առաջվա անհանգստության հետ կապված մի բան էր պատահել։ Բայց ինչ-որ ներքին անհաղթահարելի նողկանք նորից գերակշռեց. նա չուզեց ոչինչ կշռադատել, չսկսեց կշռադատել. նա խորասուզվեց բոլորովին այլ մտքերի մեջ։
 +
 +
Նա սկսեց խորհել, ի միջի այլոց, այն մասին, որ իր էպիլեպտիկ վիճակում մի աստիճան կար գրեթե նոպայից անմիջապես առաջ (եթե միայն նոպան բռնում էր հարթմնի), երբ հանկարծ անձկության, հոգեկան խավարի, ճնշման մեջ, որոշ վայրկյաններ կարծես բոցավառվում էր նրա ուղեղը և անսովոր պոռթկումով միանգամից լարվում էին նրա բոլոր կենսական ուժերը։ Կյանքի, ինքնագիտակցության զգացողությունը գրեթե տասնապատկվում էր կայծակի տևողություն ունեցող այդ վայրկյաններին։ Միտքը, սիրտը լուսավորվում էին անսովոր լույսով, նրա բոլոր հուզումները, բոլոր կասկածները, բոլոր անհանգստությունները կարծես միանգամից խաղաղվում էին, վերծանում էին որպես ինչ֊որ գերագույն հանգստություն, լի պայծառ, ներդաշնակ ուրախությամբ ու հույսով, լի բանականությամբ ու վերջնական պատճառով։ Բայց այդ պահերը, այդ փայլատակումները դեռ միայն նախազգացումն էին այն վերջնական վայրկյանի (երբեք վայրկյանից ոչ ավելի), որից սկսվում էր բուն նոպան։ Այդ վայրկյանն, իհարկե, անտանելի էր։ Այդ ակնթարթի մասին խորհելով հետո, արդեն առողջ վիճակում, նա հաճախ ասում էր ինքն իրեն. չէ՞ որ բարձրագույն ինքնազգացողության և ինքնագիտակցության, ուրեմն նաև «բարձրագույն կեցության» այդ բոլոր կայծակներն ու փայլատակումները, ոչ այլ ինչ են, քան հիվանդություն, քան նորմալ վիճակի խախտում, իսկ եթե այդպես է, ապա դա բոլորովին էլ ոչ թե բարձրագույն կեցություն է, այլ ընդհակառակը, պետք է դասել ամենաստոր կեցության շարքը։ Եվ սակայն, այնուամենայնիվ նա վերջապես հանգեց մի չափազանց պարադոքսային եզրակացության. «Ի՞նչ անենք, որ դա հիվանդություն է,— վերջապես վճռեց նա,— ի՞նչ գործ ունենք նրա հետ, որ դա աննորմալ լարում է, եթե բուն արդյունքը, եթե զգացողության րոպեն, որ հիշողությանդ մեջ է մտնում և քննարկվում է արդեն առողջ վիճակում, հանդիսանում է վերին աստիճանի ներդաշնակություն, գեղեցկություն, տալիս է մինչ այդ չլսված, անակնկալ լիակատարության, չափի, հաշտության ու կյանքի ամենաբարձրագույն սինթեզի հետ զմայլելի աղոթական ձուլման զգացողություն»։ Այդ մշուշապատ արտահայտությունները իրեն թվում էին շատ հասկանալի, թեև դեռ շատ թույլ։ Իսկ այն, որ դա իրոք «գեղեցկություն ու աղոթք», է, որ դա իրոք «կյանքի բարձրագույն սինթեզ» է, դրանում նա կասկածել չէր կարող, և չէր էլ կարող թույլ աալ կասկածելու։ Չէ՞ որ այդ պահին ինչ-որ աննորմալ ու անգո տեսիլներ չէին գալիս նրա երազում, ինչպես հաշիշի, օպիումի կամ գինու ազդեցությունից է լինում, որոնք ոչնչացնում են բանականությունը և աղավաղում հոգին։ Դրա մասին նա կարող էր առողջ ղատել հիվանդագին վիճակն անցնելուց հետո։ Այդ ակնթարթները լոկ ինքնագիտակցության արտասովոր ճիգեր էին,— եթե պետք լիներ այդ վիճակն արտահայտել մի խոսքով,— վերին աստիճանի անմիջական ինքնագիտակցության և միևնույն ժամանակ ինքնազգացողության ակնթարթներ։ Եթե այդ վայրկյանին, այսինքն՝ նոպայից ամիջապես առաջ ամենավերջին գիտակից պահին, պատահում էր, որ նա հասցներ պարզ ու գիտակցորեն ինքն իրեն ասել․ «Այո, հանուն այս պահի արժե տալ ողջ կյանքդ», ապա, իհարկե, այդ պահն ինքնըստինքյան հենց արժեր ողջ կյանքը։ Ասենք, նա չէր պաշտպանում իր եզրակացության դիալեկտիկական մասը, որպես վառ հետևանք այդ «բարձրագույն րոպեների», նրա առաջ կանգնած էին բթացումը, հոգեկան խավարը, ապուշությունը։ Հասկանալի է, նա լրջորեն չէր վիճաբանի։ Եզրակացության, այսինքն՝ այդ րոպեի գնահատման մեջ, անկասկած, սխալ կար, բայց զգացողության իրական լինելը, այնուամենայնիվ, մի փոքր շփոթեցնում էր նրան։ Իսկապես, ինչպե՞ս վարվեր իրականության հետ։ Չէ՞ որ այդ լինում էր, չէ՞ որ նա ինքը հասցնում էր բուն այդ վայրկյանին ասելու իրեն, որ իր կողմից լիովին զգացվող անսահման երջանկության այդ ակնթարթը, իսկապես որ կարող էր արժել ողջ կյանքը։ «Այդ պահին,— ինչպես մի անգամ ասում էր նա Ռոգոժինին, Մոսկվայում, իրենց այնտեղի հանդիպումների ժամանակ,— այդ պահին ինձ համար մի տեսակ հասկանալի է դառնում արտասովոր խոսքն այն մասին, թե ''ժամանակն այլևս չի լինի''»։ «Հավանաբար,— ավելացրեց նա ժպտալով,— դա նույն այն վայրկյանն է, որում չի հասցրել թափվել ընկնավոր Մահմեդի շուռ տված ջրով կուժը, սակայն նույն այդ վայրկյանին Մահմեդը հասցրել է տեսնել ալլահի բոլոր օթևանները»։ Այո, Մոսկվայում հաճախ էին հանդիպում նա ու Ռոգոժինը և խոսում էին ոչ միայն դրա մասին։ «Ռոգոժինը քիչ առաջ ասաց, որ այն ժամանակ ես նրա համար եղբայր եմ եղել, նա այդ առաջին անգամ այսօր ասաց»,— մտածեց իշխանն իր մեջ։
 +
 +
Նա այդ մասին մտածեց ամառային այգում, նստարանի վրա, ծառի տակ նստած։ Ժամը յոթին մոտ էր։ Այգին դատարկ էր։ Մի ակնթարթ ինչ֊որ մռայլ բան պարուրեց արևը։ Տոթ էր. նման էր փոթորկի հեռավոր նախանշանի։ Իր այժմյան հայեցողական վիճակում նրա համար ինչ֊որ հրապուրիչ բան կար։ Նա հիշողություններով ու մտքով փակչում էր ամեն մի արտաքին առարկայի, և դա նրան դուր էր գալիս․ նա շարունակ ուզում էր ինչ֊որ իրական, կենսականորեն անհրաժեշտ բան մոռանալ, բայց իր շուրջը գցած առաջին իսկ հայացքից անմիջապես, նորից տեսնում էր իր մռայլ միտքը, մի միտք, որից այնքան ուզում էր ազատվել։ Նա հիշեց, որ քիչ առաջ ճաշի ժամանակ պանդոկի սպասավորների հետ խոսում էր նորերս տեղի ունեցած մի շատ տարօրինակ սպանության մասին, որը շատ աղմուկ ու խոսակցություն էր առաջացրել։ Բայց հենց որ դրա մասին հիշեց, նրան հանկարծ նորից ինչ֊որ առանձնահատուկ բան պատահեց։
 +
 +
Արտակարգ, անդիմադրելի ցանկությունը, գրեթե գայթակղությունը հանկարծ կաշկանդեցին նրա ողջ կամքը։ Նա նստարանից վեր ելավ և այգուց գնաց ուղղակի Պետերբուրգյան կողմը։ Քիչ առաջ Նևայի մերձափնյա փողոցում, ինչ-որ անցորդի նա խնդրել էր, որ Նևայի վրայով նրան ցույց տար Պետերբուրգյան կողմը։ Նրան ցույց տվին, բայց այն ժամանակ նա չգնաց այնտեղ։ Եվ բոլոր դեպքերում այսօր այնտեղ գնալու կարիք չկար. նա գիտեր այդ։ Հասցեն վաղուց ուներ. նա հեշտությամբ կարող էր գտնել Լեբեդևի աղգականուհու տունը, բայց նա գրեթե հաստատ գիտեր, որ նրան տանը չի գտնի։ «Անպայման մեկնել է Պավլովսկ, այլապես Կոլյան որևէ բան թողած կլիներ «Վեսի»֊ում, ինչպես պայմանավորվել էինք»։ Այսպիսով, եթե նա հիմա գնում էր, ապա, իհարկե, ոչ նրա համար, որ այդ աղգականուհուն տեսներ։ Մի ուրիշ մռայլ, տանջալից հետաքրքրութչուն էր գայթակղում նրան։ Մի նոր, անակնկալ միտք էր անցել նրա գլխով․․․
 +
 +
Բայց նրա համար արդեն ավելի քան հերիք էր այն, որ գնաց և գիտեր, թե ուր է գնում. մի րոպե անց նա արդեն նորից գնում էր, գրեթե չնկատելով իր ճանապարհը։ Իր «անակնկալ միտքը» կշռադատելը իսկույն նրա համար անասելի տհաճ և գրեթե անկարելի դարձավ։ Նա տանջալիորեն լարվող ուշադրությամբ նայում էր աչքովն ընկած ամեն բանի, նայում էր երկնքին, Նևային։ Նա խոսքի բռնվեց հանդիպած փոքրիկ երեխայի հետ։ Գուցե և նրա էպիլեպտիկ վիճակը գնալով ավելի սաստկանում էր։ Փոթորիկը, կարծես, իրոք մոտենում էր, թեև դանդաղ։ Շատ տոթ էր դառնում...
 +
 +
Չգիտես ինչու հիմա նրա միտն էր գալիս, ինչպես երբեմն մարդու միտն է գալիս դադար չտվող և հիմարության աստիճան ձանձրացրած երաժշտական եղանակը, Լեբեդևի քրոջ որդին, որին նա տեսել էր քիչ առաջ։ Տարօրինակն այն է, որ այդ տղան նրա միտն էր գալիս որպես այն մարդասպանը, որի մասին այն ժամանակ հիշատակեց Լեբեդևն ինքը, իր քրոջ որդուն իշխանին ներկայացնելիս։ Այո, այդ մարդասպանի մասին նա կարդացել էր բոլորովին նորերս։ Շատ էր կարդացել ու լսել այդպիսի բաների մասին այն ժամանակից ի վեր, ինչ մտել էր Ռուսաստան, նա համառորեն հետևում էր այդ ամենին։ Իսկ քիչ առաջ սպասավորի հետ ունեցած խոսակցության ժամանակ նույնիսկ չափազանց հետաքրքրվեց հատկապես հենց Ժեմարինների այդ սպանությամբ։ Սպասավորը նրա հետ համաձայնեց, իշխանը դա հիշեց։ Մտաբերեց նաև սպասավորին. դա խելքը գլխին տղա էր, լուրջ և զգուշավոր, բայց, «ասենք, աստված գիտի, թե ինչպիսին էր։ Դժվար է նոր երկրում նոր մարդկանց մասին կարծիք կազմելը»։ Սակայն նա սկսել էր կրքոտ կերպով հավատալ ռուսական հոգուն։ Օ, այդ վեց ամիսների ընթացքում նա իր համար շատ, շատ նոր բան գտավ և անակնկալ, և չլսված, և անսպասելի։ Բայց ուրիշի հոգին մութ խորան է, ռուսական հոգին էլ մութ խորան է. շատերի համար է մութ խորան։ Ահա նա երկար ժամանակ մտերիմ էր Ռոգոժինի հետ, սերտ մտերմություն ուներ, «եղբայրաբար» մտերիմ էին, իսկ ճանաչո՞ւմ է արդյոք Ռոգոժինին։ Բայց երբեմն այստեղ, այս ամենի մեջ ինչպիսի՜ քաոս, ինչպիսի՜ խառնաշփոթություն, ինչպիսի՜ այլանդակություն կա։ Եվ, այսուհանդերձ, ի՜նչ զզվելի և ինքնագոհ ելունդ է Լեբեդևի քիչ առաջվա այդ քրոջորդին։ Բայց ասենք, այս ի՛նչ եմ անում (շարունակում էր մտածել իշխանը), մի՞թե նա է սպանել այդ էակներին, այդ վեց հոգուն։ Ես կարծես թե խառնում եմ... ինչ տարօրինակ է սա։ Գլուխս մի քիչ պտտվում է։ Իսկ ի՜նչ համակրելի, ինչ հաճելի դեմք ունի Լեբեդևի մեծ աղջիկը, այ նա, որը կանգնել էր երեխան գրկին, ինչպիսի անմեղ, ինչպիսի գրեթե մանկական արտահայտություն և ինչպիսի գրեթե մանկական ծիծաղ։ Տարօրինակ է, որ նա մոռացել էր այդ դեմքր և միայն նոր հիշեց նրա մասին։ Նրանց վրա ոտները դոփող Լեբեդևը հավանաբար նրանց բոլորին պաշտում է։ Բայց ինչը ամենից հաստատ է, ինչպես երկու անգամ երկուսը, այդ այն է, որ նա պաշտում է նաև իր քրոջորդուն։
 +
 +
Սակայն ի՞նչ է ինքը հանձն առնում այդպես վերջնական դատել նրանց, ինքը, որ այսօր է հայտնվել, ի՞նչ է այդպիսի դատավճիռներ կայացնում։ Ահա Լեբեդևը այսօր խնդիր դրեց նրա առաջ. մի՞թե ինքը այդպիսի Լեբեդև սպասում էր։ Մի՞թե նա առաջ ճանաչում էր այդպիսի Լեբեդևի։ Լեբեդև ու Դյուբարրի, տե՜ր աստված։ Ասենք, եթե Ռոգոժինը սպանի, ապա, համենայն դեպս, այդպես անկարգ չի սպանի։ Այդ քաոսը չի լինի։ Ըստ գծագրի պատվիրած գործիք և իսկական զառանցանքի մեջ սպանած վեց հոգի։ Մի՞թե Ռոգոժինը ըստ գծագրի պատվիրած գործիք ունի... նա... բայց... մի՞թե վճռված է, որ Ռոգոժինը կսպանի,― ցնցվեց հանկարծ իշխանը։ «Հանցանք չէ՞ արդյոք, ստորություն չէ՞ արդյոք իմ կողմից այսպես ցինիկորեն֊անկեղծ այսպիսի ենթադրություն անելը»,― գոչեց նա և միանգամից նրա դեմքը ամոթից կարմրեց։ Նա զարմացած էր. նա արձանի պես կանգ էր առել ճանապարհին։ Նա միանգամից մտաբերեց և քիչ առաջվա Պավլովսկյան կայարանը, և քիչ առաջվա Նիկոլաևյան կայարանը, և ''աչքերի'' մասին ուղղակի Ռոգոժինի երեսին արած հարցը, և Ռոգոժինի խաչը, որը հիմա իր վզին է, և նրա մոր օրհնությունը, որի մոտ հենց Պարֆենն ինքը տարավ նրան, և վերջին ջղաձիգ փարումը, Ռոգոժինի վերջին հրաժարումը, քիչ առաջ, սանդուղքի վրա,— և այս ամենից հետո ինքն իրեն բռնում է շարունակ իր շուրջը ինչ֊որ բան որոնելու վրա, և այդ կրպակը, և այդ առարկան... ի՜նչ ստորություն։ Եվ այս ամենից հետո նա գնում է «հատուկ նպատակով», հատուկ «անակնկալ մտքո՜վ»։ Հուսահատությունն ու տառապանքը պատեցին նրա ողջ հոգին։
 +
 +
Իշխանն ուզում էր անմիջապես ետ վերադառնալ իր հյուրանոցը. նույնիսկ շուռ եկավ ու գնաց, բայց մի րոպե անց կանգ առավ, մտմտաց և նորից վերադարձավ առաջվա ճանապարհով։
 +
 +
Ասենք նա արդեն հենց Պետերբուրգյան կողմում էր, նա մոտիկ էր տանը, չէ՞ որ հիմա առաջվա նպատակով չի գնում այնտեղ, չէ՞ որ «հատուկ մտքով» չի գնում։ Եվ ինչպե՜ս կարող էր դա լինել։ Այո, նրա հիվանդությունը վերադառնում է, դա անկասկած է. կարող է պատահել նոպան կբռնի անպայման այսօր։ Հենց նոպայի պատճառով է այս ողջ խավարը, հենց նոպայի պատճառով է այդ «միտքը»։ Հիմա խավարը փարատված է, դևը վտարված, կասկածները գոյություն չունեն, նրա սրտում ուրախություն է։ Եվ ինքը այնքան վաղուց չի տեսել նրան, ինքը պետք է տեսնի ''նրան'', և... այո, նա կուզենար հիմա հանդիպել Ռոգոժինին, նա կբռներ նրա ձեռքից և միասին կերթային... Իր սիրտը մաքուր է․ մի՞թե ինքը Ռոգոժինին ախոյան է։ Վաղը նա ինքը կգնա և Ռոդոժինին կասի, որ տեսել է ''նրան''։ Չէ՞ որ այստեղ էր թռչում, ինչպես քիչ առաջ ասել էր Ռոգոժինը, միայն ''նրան'' տեսնելու համար։ Գուցե և տանը գտնի նրան, հո հաստատապես Պավլովսկում չի նա։
 +
 +
Այո, պետք է, որ հիմա այդ ամենը պարզ դրված լինի, որպեսզի բոլորը պարզ կարդան միմյանց հոգում գրվածը, որպեսզի չլինեն այդ մռայլ ու բուռն հրաժարումները, ինչպես քիչ առաջ հրաժարվեց Ռոգոժինը, և թող այդ բոլորը կատարվի ազատ ու... լուսավոր։ Մի՞թե Ռոգոժինը ընդունակ չէ լույսի։ Նա ասում է, որ ինքը այնպես չի սիրում, որ իր մեջ կարեկցություն չկա, «ոչ մի այդպիսի խղճահարություն» չկա։ Ճիշտ է, նա հետո ավելացրեց, որ «քո խղճահարությունը, կարող է պատահել, ավելի ուժգին է իմ սիրուց»,— բայց նա ամբաստանում է ինքն իրեն։ Հը՛մ, Ռոգոժինը գի՞րք կարդա, մի՞թե արդեն սա «խղճահարություն» չէ, «խղճահարության» սկիզբը չէ։ Մի՞թե այդ գրքի լոկ ներկայությունը չի ապացուցում, որ Ռոգոժինը լիովին գիտակցում է իր վերաբերմունքը դեպի ''նա''։ Իսկ նրա քիչ առաջվա պատմությո՞ւնը։ Ոչ, դա ավելի խորն է լոկ միայն կրքոտությունից։ Եվ մի՞թե միայն կրքոտություն է հարուցում ''նրա'' դեմքը։ Նա հարուցում է տառապանք, նա համակում է մարդու ողջ հոգին, նա․․․ և հանկարծ այրող, տանջալից հիշողությունն անցավ իշխանի սրտով։
 +
 +
Այո, տանջալից։ Նա հիշեց, թե ինքը դեռ նորերս ինչպես էր տանջվում, երբ առաջին անգամ նրա մեջ սկսեց նկատել խելագարության նշաններ։ Այն ժամանակ նա գրեթե հուսահատություն զգաց։ Եվ ինչպե՞ս կարող էր ինքը թողնել նրան, երբ նա այն ժամանակ իր մոտից փախավ Ռոգոժինի մոտ։ Պետք է որ իշխանն ինքը վազեր նրա հետևից, և ոչ թե սպասեր լուրերի։ Բայց․․․ մի՞թե Ռոգոժինը մինչև հիմա նրա մեջ խելագարությունը չի նկատել... Հը՛մ․․․ Ռոգոժինը ամեն ինչում տեսնում է ուրիշ պատճառներ, կրքի պատճառներ։ Եվ ինչպիսի՜ խելահեղ խանդ։ Նա ի՞նչ էր ուզում ասել իր քիչ առաջվա ենթադրությամբ։ (Իշխանը հանկարծ շիկնեց, և կարծես թե նրա սրտում ինչ-որ բան դողաց)։
 +
 +
Ասենք, ի՞նչ կարիք կա հիշել այդ մասին։ Այստեղ խելագարությունը երկու կողմից է։ Իսկ նրա՝ իշխանի կողմից գրեթե անիմաստ, գրեթե դաժանություն, անմարդկայնություն կլիներ կրքոտ սիրով այդ կնոջը սիրելը։ Այո, այո՜։ Ոչ, Ռոգոժինն ամբաստանում է ինքն իրեն, նա հսկա սիրտ ունի, որը կարող է և տառապել, և կարեկցել։ Երբ իմանա ամբողջ ճշմարտությունը և երբ համոզվի, թե ինչ խղճուկ արարած է այդ խախտվածը, խելագարը, այն ժամանակ մի՞թե նրան չի ների ամբողջ առաջվանը, իր բոլոր տանջանքները։ Մի՞թե չի դառնա նրա ծառան, եղբայրը, բարեկամը, նախախնամությունը։ Կարեկցությունը կիմաստավորվի ու կուսուցանի Ռոգոժինին իրեն։ Կարեկցությունը ամբողջ մարդկության կեցության ամենագլխավոր և, թերևս, միակ օրենքն է։ Օ՜, ինչպես ինքը աններելիորեն ու անազնիվ կերպով մեղավոր է Ռոգոժինի առաջ։ Ոչ, ոչ թե «ռուսական հոդին է խավար», այլ հենց իր հոգում է խավար, եթե ինքը կարող էր այդպիսի սարսափելի բան երևակայել։ Մոսկվայում ասած մի քանի ջերմ ու սրտալի խոսքի համար Ռոդոժինն արդեն նրան իր եղբայրն է անվանում, իսկ ինքը․․․ Բայց սա հիվանդություն ու զառանցանք է։ Այս բոլորը կվերջանա... Ի՜նչ մռայլ ասաց այն ժամանակ Ռոգոժինը, թե «կորչում է իր հավատը»։ Պետք է որ այդ մարդը սաստիկ տառապելիս լինի։ Նա ասում է, որ «սիրում է նայել այդ պատկերին. չի սիրում, այլ, նշանակում է, պահանջ է զգում։ Ռոգոժինը ոչ միայն կրքոտ հոգի է. նա այնուամենայնիվ մարտիկ է. նա ուզում է ուժով վերադարձնել իր կորցրած հավատը։ Դա հիմա նրան տանջալիորեն պետք է... Այո, որևէ բանի հավատալ, որևէ մեկին հավատալ։ Սակայն ինչ տարօրինակ նկար է Հոլբեյնի այդ նկարը... Ահա և այդ փողոցը։ Ըստ երևույթին, ահա և տունը, այդպես է որ կա, 16, «կոլեգիական քարտուղարի կին Ֆիլիսովայի տունը։ Այստե՜ղ է»։ Իշխանը զանդահարեց և հարցրեց Նաստասյա Ֆիլիպովնայի մասին։
 +
 +
Տանտիրուհին ինքը պաաասխանեը նրան, որ Նաստասյա Ֆիլիպովնան դեռ առավոտվանիը մեկնել է Պավլովսկ Դարյա Ալեքսեևնայի մոտ «և նույնիսկ կարող է պատահել, որ մի քանի օր այնտեղ մնա»։ Ֆիլիսովան մոտ քառասուն տարեկան, փոքրամարմին, սրաչք ու սրադեմ մի կին էր և նայում էր խորամանկ և ուշադիր։ Անվան մասին նրա տված հարցին, հարց, որին նա կարծես դիտավորյալ խորհրդավորության երանգ տվեց, իշխանը սկզբում չուզեց պատասխանել, բայը անմիջապես ետ վերադարձավ և համառորեն խնդրեց Նաստասյա Ֆիլիպովնային հաղորդել իր անունը։ Ֆիլիսովան այդ համառությունն ընդունեց սաստկացած ուշադրությամբ և արտասովոր գաղտնապահ տեսքով, որով ըստ երևույթին ուզում էր ասել, թե «մի անհանգստացեք, ես հասկացա»։ Ըստ երևույթին, իշխանի անունը շատ ուժեղ տպավորություն գործեց։ Իշխանը ցրված տեսքով նայեց նրան, շուռ եկավ և ետ գնաց իր հյուրանոցը։ Բայց նա Ֆիլիսովայի տնից դուրս եկավ ոչ այն տեսքով, որով զանգահարում էր։ Նրա մեջ դարձյալ, և կարծես թե մի ակնթարթում, արտասովոր փոփոխություն կատարվեց. նա դարձյալ քայլում էր գունատ, թույլ, տառապալի, հուզված. նրա ծնկները դողում էին, և տարտամ, անորոշ Ժպիտը թափառում էր նրա կապտած շրթունքներին. նրա «անակնկալ միտքը» հանկարծ հաստատվեց և արդարացավ, և նա նորից հավատում էր իր դևին։
 +
 +
Բայց արդյո՞ք հաստատվեց։ Բայց արդյո՞ք արդարացավ։ Ինչո՞ւ նորից նրա հետ է այդ դողը, այդ սառն քրտինքը, հոգեկան այդ ցուրտն ու խավարը։ Արդյոք նրա՞ համար, որ հիմա նա նորից տեսավ այն ''աչքերը''։ Բայց չէ՞ որ նա ամառային այգուց գնաց լոկ նրա համար, որ տեսներ դրանք։ Չէ՞ որ հենց դրանում էր կայանում նրա «անակնկալ միտքը»։ Նա համառորեն ուզեց տեսնել այդ «քիչ առաջվա» աչքերը, որպեսզի վերջնականապես համոզվի, որ անպայման դրանց կհանդիպի այնտեղ, այդ տան մոտ։ Դա նրա ջղաձիգ ցանկությունն էր, և էլ ինչո՞ւ է հիմա այդպես ճզմված ու զարմացած այն բանից, որ հիմա իսկապես տեսավ դրանք։ Կարծես թե չէր սպասում։ Այո, դրանք ''այն նույն'' աչքերն էին (և նրանում, որ այն նույնն էին, հիմա այլևս ոչ մի կասկած չկա), որոնք առավոտյան փայլատակեցին նրա վրա, ամբոխի միջից, երբ ինքը դուրս էր գալիս Նիկոլաևյան երկաթուղու վագոնից, այն նույն (բոլորովի՜ն նույն), որոնց հայացքը հետո քիչ առաջ նա որսաց իր ուսերի հետև, Ռոգոժինի տանը նստելով աթոռին։ Ռոգոժինն այն ժամանակ հրաժարվեց․ նա հարցրեց ծամածռված, սարսռեցնող ժպիտով... «Իսկ այդ ո՞ւմ աչքերն էին»։ Եվ դեռ բոլորովին նոր, Ցարսկոսելսկյան ճանապարհի կայարանում, երբ նա վագոն էր նստում, որպեսզի գնար Ագլայայի մոտ, և հանկարծ նորից տեսավ այդ աչքերը, արդեն երրորդ անգամ այդ օրը, իշխանը սաստիկ ցանկացավ մոտենալ Ռոգոժինին և ասել ''նրան'', «թե ում աչքերն էին դրանք»։ Բայց նա դուրս վազեց կայարանից և ուշքի եկավ միայն դանակագործի կրպակի առաջ այն րոպեին, երբ կանգնած էր և վաթսուն կոպեկ էր գնահատում եղջերյա կոթով մի առարկա։ Մի տարօրինակ սարսափելի դև վերջնականապես կպավ նրան և արդեն չէր ուզում բաց թողնել։ Այդ դևը շշնջաց նրան ամառային այգում, երբ նա ինքնամոռացության մեջ նստած էր լորենու տակ, որ եթե Ռոգոժինին այնպես պետք էր հենց առավոտվանից հետևել նրան և որսալ ամեն քայլափոխում, ապա իմանալով, որ իշխանը չի մեկնի Պավլովսկ (որը արդեն, իհարկե, Ռոգոժինի համար ճակատագրական տեղեկություն էր), Ռոգոժինն անպայման կգնա ''այնտեղ'', Պետերբուրգյանի վրա գտնվող այն տան մոտ, և անպայման այնտեղ կհսկի նրան, իշխանին, որը դեռ առավոտյան Ռոգոժինին ազնիվ խոսք էր տվել, որ «չի տեսնի նրան» և որ «դրա՛ համար չի եկել Պետերբուրգ»։ Եվ ահա իշխանը տենդագին ձգտում է դեպի այն տունը, և ի՞նչ կա դրանում, որ նա, իրոք, այնտեղ հանդիպում է Ռոգոժինին։ Նա տեսել է միայն մի դժբախտ մարդու, որի հոգեկան տրամադրությունը մռայլ է, բայց շատ հասկանալի։ Այդ դժբախտ մարդը հիմա նույնիսկ չէր թաքնվում։ Այո, Ռոգոժինն այն ժամանակ չգիտես ինչու հրաժարվեց ու ստեց, բայց կայարանում նա կանգնած էր, գրեթե առանց թաքնվելու։ Նույնիսկ ավելի շուտ նա, իշխանն էր թաքնվում, և ոչ թե Ռոգոժինը։ Իսկ հիմա, տան մոտ, նա կանգնած էր փողոցի մյուս կողմում, շեղակի հիսուն քայլ հեռավորությամբ, հակառակ մայթի վրա, ձեռքերը կրծքին խաչած, և սպասում էր։ Այստեղ արդեն նա բոլորածն տեսանելի էր և, կարծես, դիտմամբ ուզում էր տեսանելի լինել։ Նա կանգնած էր որպես մերկացնող ու որպես դատավոր, և ոչ թե որպես... Եվ ոչ թե որպես ո՞վ։
 +
 +
Իսկ ինչո՞ւ ինքը, իշխանը, հիմա չմոտեցավ նրան և շուռ եկավ նրանից, կարծես ոչինչ չնկատելով, չնայած նրանց աչքերը հանդիպեցին։ (Այո, նրանց աչքերը հանդիպեցին, և նրանք նայեցին միմյանց)։ Չէ՞ որ քիչ առաջ ինքն էր ուզում բռնել նրա ձեռքից ու նրա հետ գնալ ''այնտեղ''։ Չէ որ ինքն էր ուզում վաղը գնալ նրա մոտ և ասել, որ ինքը եղել է ''նրա'' մոտ։ Չէ՞ որ նա ինքը հրաժարվեց իր դևից, դեռևս այնտեղ գնալիս, ճանապարհի կեսին, երբ հանկարծ ուրախությունը լցրեց նրա հոգին։ Թե՞ հիրավի մի այնպիսի բան կար Ռոգոժինի մեջ, այսինքն՝ այդ մարդու ամբողջ ''այսօրվա'' կերպարում, նրա խոսքերի, շարժումների, արարքների ու հայացքների ամբողջ համակցության մեջ, որ կարող էր արդարացնել իշխանի սարսափելի նախազգացումները և նրա դևի վրդովիչ քչփչոցը։ Մի այնպիսի բան, որն ինքնին երևում էր, բայց դժվար է վերլուծել ու պատմել, անհնար է արդարացնել բավարար պատճառներով, որը, սակայն, չնայած այդ ամբողջ դժվարությանն ու անկարելիությանը, թողնում է միանգամայն ամբողջական ու անդիմադրելի տպավորություն, որն ակամա դառնում է լիակատար համոզմունք...
 +
 +
Համոզմունք՝ ինչո՞ւմ։ (Օ, ինչպես տանջում էր իշխանին այդ համոզմունքի, «այդ ստոր նախազգացմունքի» հրեշավորությունը, «ստորացուցիչ լինելը», և ինչպե՜ս էր մեղադրում ինքն իրեն)։ Դե ասա, եթե համարձակվում ես, ինչո՞ւմ,— անընդհատ ասում էր նա ինքն իրեն, կշտամբանքով ու մարտահրավերով,— ձևակերպիր, համարձակվիր արտահայտել ամբողջ միտքդ, պարզ, ճշգրիտ, առանց տատանման։ Օ, ես անազնի՜վ եմ,― կրկնում էր նա զայրույթով ու ամոթի շառագույնը դեմքին,— հիմա ի՞նչ աչքերով պետք է նայեմ ամբողջ կյանքումս այդ մարդուն։ Օ, այս ի՜նչ օր է։ Օ, աստված, ինչպիսի՜ կոշմար է։
 +
 +
Պետերբուրգյան կողմից կատարած այդ երկար ու տանջալից ճանապարհի վերջում եղավ մի րոպե, երբ հանկարծ իշխանին համակեց մի անդիմադրելի ցանկություն՝ հենց հիմա գնալ Ռոգոժինի մոտ, սպասել նրան, ամոթով, արցունքներն աչքերին փարվել նրան, ամեն ինչ ասել և միանգամից ամեն ինչ վերջացնել։ Բայց նա արդեն կանգնած էր իր հյուրանոցի մոտ... Ինչպես դուր չեկան նրան այն ժամանակ այդ հյուրանոցը, այդ միջանցքները, այդ ամբողջ տունը, նրա համարը, դուր չեկան առաջին իսկ հայացքիցց այդ օրը նա մի քանի անգամ խորշանքով մտաբերեց, որ պետք կլինի վերադառնալ այստեղ... «Դե այս ի՞նչ եմ ես այսօր հիվանդ կնոջ պես հավատում ամեն մի նախազգացման»,— մտածեց նա ջղային ծաղրով, դարպասի մեջ կանգ առնելով։ Ամոթի, գրեթե հուսահատության մի նոր հորդում նրան գամեց տեղում, դարպասի հենց մուտքի առաջ։ Նա մի րոպե կանգ առավ։ Այդպես է լինում երբեմն մարդկանց, անտանելի անակնկալ հիշողությունները, հատկապես ամոթի հետ կապված, սովորաբար մի րոպե կանգնեցնում են տեղում։ «Այո, ես անսիրտ ու վախկոտ մարդ եմ»,— կրկնեց նա մռայլ և կտրուկ շարժվեց, որ գնա, բայց... նորից կանգ առավ...
 +
 +
Առանց այն էլ խավար այդ դարպասում այդ րոպեին շատ մութ էր. մոտեցող փոթորկաբեր ամպը կլանել էր իրիկնային լույսը և հենց այն պահին, երբ իշխանը մոտենում էր տանը, ամպը հանկարծ պատռվեց ու հորդ անձրև տեղաց։ Հենց այդ ժամանակ, երբ իշխանը վայրկենապես կանգնելուց հետո կտրուկ շարժվեց տեղից, նա գտնվում էր դարպասի բուն սկզբին, փողոցի կողմից դարպասի մուտքի հենց տակը։ Եվ հանկարծ նա դարպասի խորքում, կիսախավարի մեջ, սանդուղքի հենց մուտքի մոտ մի մարդ տեսավ։ Այդ մարդը կարծես մի բանի էր սպասում, բայց արագ երևաց ու անհայտացավ։ Իշխանը չէր կարող այդ մարդուն պարզ տեսնել և, իհարկե, ոչ մի կերպ հաստատ չէր կարողանա ասել, թե ով էր։ Բացի այդ, այստեղ ինչքան ասես մարդ կարող էր անցնել, այստեղ հյուրանոց էր, և անընդհատ մարդիկ էին անցնում ու վազում միջանցքները և այնտեղից ետ։ Բայց նա հանկարծ ամենալիակատար և անդիմադրելի համոզմունք զգաց, որ ինքը ճանաչեց այդ մարդուն և որ այդ մարդն անպայման Ռոգոժինն է։ Մի ակնթարթ անց իշխանը նրա հետևից նետվեց դեպի սանդուղք։ Նրա սիրտը նվաղեց։ «Հիմա ամեն ինչ կլուծվի»,— տարօրինակ համոզվածությամբ ասաց նա ինքն իրեն։
 +
 +
Սանդուղքը, ուր նետվեց իշխանը դարպասի տակից, տանում էր դեպի առաջին և երկրորդ հարկի միջանցքները, որոնց վրա բացվում էին հյուրանոցի համարները։ Այդ սանդուղքը, ինչպես բոլոր վաղուց կառուցված տներում, քարե էր, մութ, նեղ և ոլորվում էր քարե հաստ սյան շուրջը։ Առաջին սանդղահարթակում այդ սյան մեջ ոչ ավելի քան մի քայլ լայնությամբ և կես քայլ խորությամբ որմնախորշի նման մի խորություն կար։ Սակայն, այդտեղ մարդ կարող էր տեղավորվել։ Որքան էլ մութ լիներ, բայց, բարձրանալով հարթակը, իշխանն անմիջապես ջոկեց, որ այդտեղ, այդ որմնախորշի մեջ, չգիտես ինչու, մի մարդ է թաքնված։ Իշխանը հանկարծ ուզեց մոտովն անցնել ու չնայել դեպի աջ։ Նա արդեն մի քայլ էր արել, բայց չդիմացավ և շուռ եկավ։
 +
 +
Քիչ առաջվա երկու աչքը, ''այն նույն աչքերը'', հանկարծ հանդիպեցին նրա հայացքին։ Որմնախորշում թաքնված մարդը նույնպես արդեն հասցրել էր մի քայլ անել դեպի դուրս։ Մի վայրկյան երկուսն էլ կանգնել էին միմյանց առաջ, գրեթե ընդհուպ։ Հանկարծ իշխանը բռնեց նրա ուսերից և ետ շրջեց դեպի սանդուղքը, լույսին ավելի մոտիկ, նա ուզում էր պարզ տեսնել դեմքը։
 +
 +
Ռոգոժինի աչքերը փայլատակեցին, և կատաղի ժպիտը աղավաղեց նրա դեմքը։ Նրա աջ ձեռքը բարձրացավ և մի բան շողաց ձեռքին. իշխանը չէր մտածում կանգնեցնել այդ ձեռքը։ Նա միայն հիշում էր, որ կարծես բղավեց.
 +
 +
— Պարֆեն, չե՛մ հավատում...
 +
 +
Ապա հանկարծ կարծես ինչ֊որ բան բացվեց նրա առաջ, արտասովոր ներքին լույսը լուսավորեց նրա հոգին։ Այդ ակնթարթը տևեց, գուցե, կես վայրկյան. և սակայն, նա պարզ ու գիտակցորեն հիշում էր սկիզբը, ամենաառաջին հնչյունը իր սարսափելի աղաղակի, որն ինքն իրեն դուրս պոռթկաց նրա կրձքից և որը ոչ մի ուժով նա չէր կարողանա կանգնեցնել։ Ապա նրա գիտակցությունը ակնթարթաբար հանգավ, և կատարյալ խավար իջավ։
 +
 +
Նրան ընկնավորական նոպա բռնեց, որ արդեն շատ վաղուց դադարել էր։ Հայտնի է, որ ընկնավորության նոպան, այսինքն՝ բուն ''ընկնելը'', վրա է հասնում վայրկենաբար։ Այդ ակնթարթին հանկարծ արտակարգ ձևով աղավաղվում է դեմքը, հատկապես հայացքը։ Ջղակծկումներն ու ցնցումները համակում են ամբողջ մարմինը և բոլոր դիմագծերը։ Սարսափելի, աներևակայելի և ոչ մի բանի չնմանող աղաղակ է դուրս թռչում կրծքից. այդ աղաղակի մեջ կարծես թե հանկարծ չքանում է ամենայն մարդկայինը, և ոչ մի կերպ հնարավոր չէ, համենայն դեպս, դիտողի համար շատ դժվար է պատկերացնել ու ենթադրել, որ բղավողը նույն այդ մարդն է։ Նույնիսկ այնպես է թվում, թե բղավում է այդ մարդու մեջ գտնվող մեկ ուրիշը։ Համենայն դեպս, շատերն են իրենց տպավորությունն այդպես պարզաբանել, իսկ շատերի վրա ընկնավորություն մեջ եղած մարդու տեսքը ներշնչում է կատարյալ անտանելի սարսափ, որն իր մեջ նույնիսկ ինչ֊որ միստիկական բան է պարունակում։ Պետք է ենթադրել, որ այդ րոպեի մյուս բոլոր սոսկալի տպավորությունների հետ կապված այդ անակնկալ սարսափի տպավորությունը հանկարծ տեղում քարացրեց Ռոգոժինին և դրանով իսկ փրկեց իշխանին արդեն նրա վրա ընկնող դանակի անխուսափելի հարվածից։ Ապա, դեռ գլխի չընկած, որ դա նոպա էր, և տեսնելով, որ իշխանը ետ ընկրկեց նրանից և հանկարծ ընկավ երեսնիվեր, ուղղակի սանդուղքով դեպի ցած, ծոծրակը թափով խփելով քարե ասաիճանին, Ռոգոժինը սրընթաց ցած նետվեց, շրջանցեց ընկածին և գրեթե ուշքը կորցրած փախավ հյուրանոցից։
 +
 +
Ջղակծկումներից, թփրտալուց ու ցնցումներից հիվանդի մարմինը աստիճաններով, որոնք տասնհինգից ավելի չէին, ցած գնաց մինչև սանդուղքի ծայրը։ Շատ շուտով, ոչ ավելի, քան հինգ րոպե անց, նկատեցին ընկածին, և ամբոխ հավաքվեց։ Գլխի մոտ գոյացած արյան մի ամբողջ լճակ տարակուսանք էր առաջացնում. մարդն ի՞նքն կր ընկել, թե «որևէ մեղք էր պատահել»։ Սակայն շուտով մի քանիսը հասկացան, որ դա ընկնավորություն է. համարների սպասավորներից մեկը հանձին իշխանի ճանաչեց իրենց քիչ առաջվա իջևանողին։ Վերջապես իրարանցումն անցավ շատ բարեբախտ, շնորհիվ մի բարեբախտ հանգամանքի։
 +
 +
Կոլյա Իվոլգինը, որ խոստացել էր ժամը չորսին լինել «Վեսի»֊ում և դրա փոխարեն մեկնել էր Պավլովսկ, մի անակնկալ նկատառումով հրաժարվեց գեներալի կնոջ՝ Եպանչինայի մոտ «ճաշելուց», այլ վերադարձավ Պետերբուրգ և շտապեց «Վեսի», ուր և հայտնվեց երեկոյան մոտ ժամը յոթին։ Նրան թողած տոմսակից իմանալով, որ իշխանը քաղաքում է, նա աճապարեց նրա մոտ, տոմսակում ցույց տված հասցեով, հյուրանոցում տեղեկանալով, որ իշխանը դուրս է եկել, նա ցած իջավ բուֆետի սենյակները և սկսեց սպասել, թեյ խմելով ու երգեհոն լսելով։ Պատահաբար լսելով մեկի հետ պատահած ընկնավորության նոպայի մասին խոսակցությունը, նա ճիշտ նախաղգացումով նետվեց դեպքի վայրը և ճանաչեց իշխանին։ Անմիջապես ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցներ։ Իշխանին տարան իր համարը, նա թեև սթափվեց, բայց բավական երկար ժամանակ չէր գալիս լիակատար գիտակցության։ Բժիշկը, որ հրավիրվպծ էր ջարդված գլուխը նայելու համար, թրջոցներ տվեց և ասաց, որ ջարդվածքներից ամենափոքր իսկ վտանգ չի սպասվում։ Իսկ երբ արդեն մի ժամ անց իշխանը սկսեց բավական լավ հասկանալ շրջապատը, Կոլյան կառքով հյուրանոցից նրան փոխադրեց Լեբեդևի մոտ։ Լեբեդևը հիվանդին ընդունեց արտասովոր եռանդով ու խոնարհումով։ Հենց նրա համար էլ արագացրեց ամառանոց տեղափոխվելը․ երրորդ օրն արդեն բոլորը Պավլովսկում էին։
 +
 +
 +
=== VI ===
 +
 +
Լեբեդևի ամառանոցը մեծ չէր, բայց հարմար էր և նույնիսկ գեղեցիկ։ Վարձակալման համար նախատեսված մասը առանձնապես զարդարված էր։ Բավական ընդարձակ պատշգամբում, փողոցից սենյակները տանող մուտքի մոտ փայտե մեծ կանաչ կիսատակառների մեջ դրված էին թուրինջի, կիտրոնի ու հասմիկի մի քանի ծառեր, որը և Լեբեդևի հաշվով կազմում էր ամենագայթակղեցուցիչ տեսաբանը։ Այդ ծառերից մի քանիսը նա ձեռք էր բերել ամառանոցի հետ և այնքան էր գայթակղվել պատշգամբում դրանց թողած տպավորությունից, որ որոշեց, օգտվելով պատեհ առիթից, կոմպլեկտ կազմելու համար տակառների մեջ տնկած մի քանի նույնպիսի ծառ գնել, որոնք վաճառվում էին աճուրդով։ Երբ վերջապես բոլոր ծառերը բերվեցին ամառանոց ու դասավորվեցին, Լեբեդևն այն օրը մի քանի անգամ փողոց վազեց պատշգամբի աստիճաններից և հիանում էր իր կալվածով, ամեն անգամ մտովի ավելացնելով այն գումարը, որ ենթադրում էր պահանջել իր ապագա ամառանոցային կենվորից։ Թուլացած, թախծող ու փշրված մարմնով իշխանին ամառանոցը շատ դուր եկավ։ Ի դեպ, Պավլովսկ փոխադրվելու օրը, այսինքն՝ նոպայից երեք օր հետո, իշխանն արտաքուստ արդեն գրեթե առողջ մարդու տեսք ուներ, թեև ներքուստ իրեն դեռևս կազդուրված չէր զգում։ Նա ուրախ էր բոլոր նրանց համար, ում տեսնում էր իր շուրջը այդ երեք օրը, ուրախ էր Կոլյայի համար, որը գրեթե նրանից չէր հեռանում, ուրախ էր Լեբեդևի ամբողջ ընտանիքի համար (առանց քրոջորդու, որն անհետացել էր չգիտես ուր), ուրախ էր հենց Լեբեդևի համար. նույնիսկ բավականությամբ ընդունեց դեռ քաղաքում նրան այցի եկած գեներալ Իվոլգինին։ Բուն տեղափոխության օրը, որ տեղի ունեցավ արդեն երեկոյան կողմ, պատշգամբում նրա շուրջը բավական շատ հյուրեր հավաքվեցին, նախ եկավ Գանյան, որին իշխանը հազիվ ճանաչեց, այնպե՜ս էր փոխվել նա այդ ամբողջ ժամանակի ընթացքում և նիհարել։ Ապա հայտնվեցին Վարյան ու Պտիցինը, նույնպես Պավլովսկի հովեկներ։ Իսկ գեներալ Իվոլգինը գրեթե անընդհատ գտնվում էր Լեբեդևի բնակարանում, նույնիսկ կարծես հենց նրա հետ էլ տեղափոխվել էր։ Լեբեդևն աշխատում էր նրան իշխանի մոտ չթողնել և նրան պահում էր իր մոտ. նրա հետ վարվում էր բարեկամաբար, ըստ երևույթին նրանք արդեն վաղուցվա ծանոթներ էին։ Իշխանը նկատել էր, որ այդ բոլոր երեք օրը նրանք երբեմն իրար հետ երկար խոսակցության էին բռնվում, հաճախ բղավում ու վիճաբանում էին, նույնիսկ, կարծես թե, գիտական նյութերի վերաբերյալ, որը, ըստ երեվույթին, բավականություն էր պատճառում Լեբեդևին։ Նույնիսկ կարելի էր կարծել, որ նա գեներալի կարիքն էր զգում։ Բայց ամառանոց փոխադրվելու իսկ օրից իշխանի նկատմամբ նույն նախազգուշացումները Լեբեդևն սկսեց կիրառել և իր ընտանիքի նկատմամբ, իշխանին չանհանգստացնելու պաարվակի տակ նա ոչ ոքի չէր թողնում նրա մոտ, չնայած իշխանի բոլոր խնդրանքներին, որ ոչ ոքի չվռնդի. առաջին իսկ կասկածի դեպքում, որ նրանք գնում են պատշգամբ, որտեղ գտնվում էր իշխանը, Լեբեդևը ոտքերն էր դոփում, վրա էր պրծնում ու վազում էր իր աղջիկների հետևից, չբացառելով նաև Վերային երեխայի հետ։
 +
 +
— Նախ՝ ոչ մի հարգալիրություն չի լինի, եթե նրանց սանձերը այդպես բաց թողնեմ. իսկ երկրորդ՝ նրանց համար նույնիսկ անվայել է․․․― բացատրեց նա վերջապես, ի պատասխան իշխանի ուղղակի հարցի։
 +
 +
— Ախր ինչո՞ւ,— ամաչեցնում էր իշխանը,— ճշմարիտ, դուք ինձ այդ բոլոր հսկումներով ու պահակությամբ միայն տանջում եք։ Ես մենակ ձանձրանում եմ, ձեզ մի քանի անգամ ասել եմ, իսկ դուք ինքներդ ձեր անընդհատ ձեռքի թափահարումներով և ոտների ծայրին քայլելով, ավելի եք ձանձրացնում։
 +
 +
Իշխանն ակնարկում էր այն, որ թեև Լեբեդևը հիվանդին անհրաժեշտ հանգստի պատրվակի տակ վռնդում էր բոլոր տնեցիներին, բայց ինքը այդ բոլոր երեք օրը համարյա րոպեն մեկ մտնում էր իշխանի մոտ, և ամեն անգամ նախ բացում էր դուռը, գլուխը ներս խոթում, դիտում սենյակը, կարծես ուզում էր համոզվել, արդյոք այստե՞ղ է, հո չի՞ փախել և հետո արդեն, մատների ծայրին, դանդաղ, գաղտագողի քայլերով, մոտենում էր բազկաթոռին, այնպես, որ երբեմն հանկարծակի վախեցնում էր իր կենվորին։ Անընդհատ տեղեկանում էր, թե արդյոք նրան որևէ բան պետք չէ՞, և երբ վերջապես իշխանն սկսեց նրան նկատողություն անել, որ իրեն հանգիստ թողնի, հնազանդ ու անաղմուկ շրջվում էր, մատների ծայրին ետ էր գնում դեպի դուռը և ամբողջ ժամանակ, մինչ քայլում էր, ձեռքերն էր թափահարում, կարծես ուզելով հասկացնել, որ ինքը հենց այնպես, որ ինքը ոչ մի բառ չի արտասանի և որ ինքը ահա արդեն դուրս եկավ, և չի գա, և, սակայն, տասը րոպե անց կամ ամենաշատը քառորդ ժամ անց նորից էր հայտնվում։ Կոլյան, որ ազատ մուտք ուներ իշխանի մոտ, դրանով իսկ խորապես վշտացնում էր Լեբեդևին և նույնիսկ վիրավորանքի զայրույթ առաջացնում նրա մեջ։ Կոլյան նկատեց, որ Լեբեդևը մինչև կես ժամի չափ կանգնում էր դռան մոտ և թաքուն ականջ էր դնում, թե ինքը ինչ է խոսում իշխանի հետ, որի մասին, հասկանալի է, հայտնեց իշխանին։
 +
 +
— Դուք կարծես ինձ սեփականացրել եք, որ փակի տակ եք պահում,― բողոքում էր իշխանը,― գոնե ամառանոցում ես ուզում եմ, որ ուրիշ կերպ լինի, և համոզված եղեք, որ կընդունեմ ում ուզենամ և կգնամ ուր ուզենամ։
 +
 +
— Առանց ամենանվազագույն կասկածի,— ձեռքերը թափահարեց Լեբեդևը։
 +
 +
Իշխանը ուշադիր նայեց նրան ոտից գլուխ։
 +
 +
— Իսկ ձեր պահարանիկը, Լուկյան Տիմոֆեևիչ, որ ձեր մահճակալի գլխավերևումն էր կախված, փոխադրեցի՞ք այստեղ։
 +
 +
― Ոչ, չեմ փոխադրել։
 +
 +
— Մի՞թե այնտեղ թողիք։
 +
 +
— Անհնար է բերելը, պետք է պատի միջից կոտրել հանել... Ամուր է, ամուր։
 +
 +
— Բայց, դուցե, այստեղ ճիշտ նույնպիսի՞ն կա։
 +
 +
— Նույնիսկ ավելի լավը, նույնիսկ ավելի լավը, դրա համար էլ գնեցի ամառանոցը։
 +
 +
― Հը-ը՜։ Քիչ առաջ այդ ո՞ւմ չէիք թողնում ինձ մոտ։ Մի ժամ առաջ։
 +
 +
— Դա... դա գեներալին։ Իսկապես չէի թողնում, և նա ձեզ մոտ չի լինի։ Ես, իշխան, այդ մարդուն խորապես հարգում եմ, դա․․․ դա մեծ մարդ է. չե՞ք հավատում։ Դե, կտեսնեք, բայց համենայն դեպս... ավելի լավ է, ամենապայծառափայլ իշխան, որ նրան չընդունեք ձեզ մոտ։
 +
 +
— Իսկ ինչո՞ւ այդպես, թույլ տվեք հարցնել։ Եվ ինչո՞ւ, Լեբեդև, դուք հիմա կանգնած եք թաթերիդ ծայրին, իսկ միշտ ինձ մոտենում եք այնպիսի տեսքով, կարծես ուզում եք ականջիս գաղտնիք հայտնել։
 +
 +
— Ստոր եմ, ստոր եմ, զգում եմ,— անսպասելի պատասխանեց Լեբեդևը, կուրծքը ծեծելով,— իսկ գեներալը ձեզ համար չափազանը հյուրընկալ չի՞ լինի։
 +
 +
— Չափազանց հյուրընկա՞լ կլինի։
 +
 +
— Հյուրընկալ։ Նախ և առաջ, նա արդեն պատրաստվում է ինձ մոտ ապրել, դա ոչինչ, բայց ազարտով է, անմիջապես ազգական է դառնում։ Ես ու նա արդեն մի քանի անգամ ազգական համարվեցինք, պարզվեց, որ քենեկալներ ենք։ Դուք էլ մոր կողմից նրան ազգական եք դուրս գալիս, դեռ երեկ էր պարզաբանում ինձ։ Եթե դուք ազգական եք, նշանակում է, ես և դուք էլ, ամենապայծառափայլ իշխան, ազգականներ ենք։ Այդ դեռ ոչինչ, փոքրիկ թուլություն է, բայց հիմա հավատացնում էր, որ ամբողջ կյանքում, պրապորշչիկական աստիճանից սկսած մինչև անցյալ տարվա հունիսի տասնմեկը նրա տանը ամեն օր սեղան էին նստում ոչ պակաս, քան երկու հարյուր հոգի։ Վերջապես մինչև այնտեղ հասավ, որ նույնիսկ սեղանից չէին էլ վեր կենում, այնպես որ և ճաշում էին, և ընթրում, և թեյ խմում օրական տասնհինգական ժամ, մոտ երեսուն տարի իրար հետևից առանց ամենափոքր ընդմիջման, հազիվ ժամանակ էր լինում սփռոցը փոխելու։ Մեկը վեր է կենում գնում, մեկ ուրիշն է գալիս, իսկ տոն ու թագավորական օրերին նույնիսկ մինչև երեք հարյուր հոգու էր հասնում։ Իսկ Ռուսաստանի հազարամյակի օրը մինչև յոթ հարյուր հոգի էր հաշվել։ Ախր սա սոսկալի է. այդպիսի տեղեկությունները շատ վատ նշան են․ այդպիսի հյուրընկալներին իր մոտ ընդունելը նույնիսկ սարսափելի է, ես էլ մտածեցի. այդպիսի մարդը ինձ և ձեզ համար չափից ավելի հյուրընկալ չի՞ լինի։
 +
 +
— Բայց դուք, կարծեմ, նրա հետ չափազանց լավ հարաբերությունների մեջ եք։
 +
 +
— Եղբայրաբար ընդունում եմ իբրև կատակ․ թող մենք քենեկալներ լինենք. ինձ ինչ, ավելի շուտ պատիվ է։ Ես հանձին նրա նույնիսկ երկու հարյուր հոգու և Ռուսաստանի հազարամյակի միջով տեսնում եմ հրաշալի մարդու։ Անկեղծ եմ ասում։ Դուք, իշխան, հիմա գաղտնիքների մասին խոսք արիք, իբրև թե, այսինքն, ես մոտենում եմ, կարծես ուզում եմ գաղտնիք հայտնել, իսկ գաղտնիք, հակառակի պես էլ կա. մի հայտնի անձնավորություն հիմա իմաց արեց, որ շատ կուզենար ձեզ հետ գաղտնի տեսակցություն ունենալ։
 +
 +
— Իսկ ինչո՞ւ համար գաղտնի։ Բնավ։ Ես նրա մոտ կգնամ ինքս, թեկուզ այսօր։
 +
 +
— Բնավ, բնավ ոչ,— սկսեց ձեռները թափահարել Լեբեդևը,― և ոչ էլ այն բանից է վախենում, ինչից կարող եք ենթադրել։ Ի դեպ, ճիվաղը ամեն օր գալիս է ձեր առողջության մասին տեղեկանալու, արդյոք ձեզ հայտնի՞ է։
 +
 +
— Դուք ինչ֊որ շատ հաճախ եք նրան ճիվաղ անվանում, դա ինձ համար շատ կասկածելի է։
 +
 +
— Ոչ մի կասկած ունենալ չեք կարող, ոչ մի կասկած,— արագ խոսքը շեղեց Լեբեդևը,— ես միայն ուզում էի բացատրել, որ հայտնի անձնավորությունը վախենում է ոչ թե նրանից, այլ բոլորովին այլ բանից, բոլորովին այլ։
 +
 +
— Դե հապա ինչի՞ց, շուտ ասացեք,— անհամբերությամբ հարցաքննում էր նրան իշխանը, նայելով Լեբեդևի խորհրդավոր ծամածռություններին։
 +
 +
— Հենց դրանում է գաղտնիքը։
 +
 +
Եվ Լեբեդևը քմծիծաղ տվեց։
 +
 +
— Ո՞ւմ գաղտնիքը։
 +
 +
— Ձեր գաղտնիքը։ Ինքներդ ինձ արգելեցիք, ամենապայծառափայլ իշխան, ձեր ներկայությամբ խոսել...— մրթմրթաց Լեբեդևը և, հաճույք ստանալով նրանից, որ իր ունկնդրի հետաքրքրությունը հասցրեց հիվանդագին անհամբերության, հանկարծ եզրափակեց.— Ագլայա Իվանովնայից է վախենում։
 +
 +
Իշխանը կնճռոտվեց ու մի րոպեաչափ լռեց։
 +
 +
— Աստվա՛ծ վկա, Լեբեդև, ես կհեռանամ ձեր ամառանոցից,— ասաց նա հանկարծ։— Որտե՞ղ են Գավրիլա Արդալիոնովիչը և Պտիցինները։ Ձեզ մո՞տ են։ Դուք նրանց էլ եք քաշել ձեզ մոտ։
 +
 +
— Գալիս են, գալիս են։ Եվ նույնիսկ գեներալն էլ նրանց հետևից։ Բոլոր դռները բաց կանեմ և բոլոր աղջիկներիս կկանչեմ, բոլորին, բոլորին, հիմա, հիմա,— վախեցած շշնջում էր Լեբեդևը, ձեռները թափահարելով և մի դռնից դեպի մյուսը նետվելով։
 +
 +
Այդ րոպեին Կոլյան փողոցից մտնելով, հայտնվեց պատշգամբում և հայտարարեց, որ իր հետևից հյուրեր են գալիս, Լիզավետա Պրոկոֆևնան երեք աղջիկների հետ։
 +
 +
— Թողնե՞մ, թե չթողնեմ Պտիցիններին ու Գավրիլա Արդալիոնովիչին։ Թողնե՞մ, թե չթողնեմ գեներալին,— մոտ թռավ Լեբեդևը այդ լուրից շշմած։
 +
 +
— Իսկ ինչո՞ւ չէ։ Բոլորին, ով որ ուզում է։ Հավատացնում եմ ձեզ, Լեբեդև, որ սկզբից ևեթ իմ հարաբերությունների մեջ դուք ինչ-որ բան ճիշտ չեք հասկացել։ Դուք մի անընդհատ սխալ ունեք։ Ես ոչ մի նվազագույն պատճառ չունեմ որևէ մեկից փախչելու և թաքնվելու,— ծիծաղեց իշխանը։
 +
 +
Նրան նայելով, Լեբեդևն էլ պարտք համարեց ծիծաղել։ Լեբեդևը, չնայած իր արտակարգ հուզմունքին, ըստ երևույթին նույնպես սաստիկ գոհ էր։
 +
 +
Կոլյայի հաղորդած լուրն իրավացի էր, նա Եպանչիններին կանխեց միայն մի քանի քայլով, որպեսզի ազդարարեր, այնպես որ հյուրերը հայտնվեցին հանկարծ երկու կողմից, Եպանչինները՝ պատշգամբից, իսկ սենյակներից՝ Պտիցինները, Գանյան և գեներալ Իվոլգինը։
 +
 +
Եպանչինները իշխանի հիվանդության մասին և այն մասին, որ նա Պավլովսկում է, հենց նոր իմացել էին Կոլյայից, իսկ մինչև այդ ժամանակ գեներալի կինը ծանր տարակուսանքի մեջ էր։ Դեռ երեք օր առաջ գեներալը իր ընտանիքին հայտնել էր իշխանի այցետոմսի մասին, այդ տոմսը Լիզավետա Պրոկոֆևնայի մեջ անվիճելի համոզմունք էր առաջացրել, որ իշխանն ինքն էլ այդ այցետոմսի հետևից անհապաղ կժամանի Պավլովսկ, նրանց հետ տեսակցելու։ Իզուր աղջիկները հավատացնում էին, թե մի մարդ, որ կես տարի ոչինչ չի գրել, գուցե հիմա էլ բոլորովին այդքան փութկոտ չի լինի, և որ, գուցե, առանց իրենց էլ նա Պետերբուրգում շատ հոգսեր ունի,― ո՞վ գիտի նրա գործերը։ Գեներալի կինը վճռականապես բարկացավ այդ դիտողություններից և պատրաստ էր գրազ գալու, որ իշխանը կհայտնվի համենայն դեպս հաջորդ օրը, թեև «դա արդեն ուշ կլինի»։ Հաջորդ օրը նա սպասեց ամբողջ առավոտը։ Սպասում էին ճաշին, երեկոյան, և երբ արդեն բոլորովին մութն ընկավ, Լիզավետա Պրոկոֆևնան ամեն ինչի վրա բարկացավ և բոլորի հետ կռվեց, հասկանալի է, վիճաբանության շարժառիթների մեջ ամենևին չհիշատակելով իշխանի մասին։ Նրա մասին ոչ մի խոսք չէր հիշատակված նաև ամբողջ երրորդ օրը։ Երբ ճաշի ժամանակ Ագլայան պատահմամբ խոսք թռցրեց, թե maman֊ը բարկանում է նրա համար, որ իշխանը չի գալիս, որին ի պատասխան գեներալն անմիջապես նկատեց, թե «ախր նա դրանում մեղավոր չէ»,— Լիզավետա Պրոկոֆևնան վեր կացավ և զայրույթով հեռացավ սեղանից։ Վերջապես երեկոյան կողմ ներկայացավ Կոչյուն բոլոր տեղեկություններով և իշխանի բոլոր արկածներով, ինչքան որ նա գիտեր։ Դրա հետևանքը Լիզավետա Պրոկոֆևնայի ցնծագին հաղթանակն էր, բայց, համենայն դեպս, Կոլյային լավ բաժին հասավ. «Մեկ ամբողջ օրերով այստեղ պտույտ է գալիս և դուրս անել չի լինի, իսկ էստեղ գոնե իմաց տար, եթե մտքով չանցավ, որ ինքը հրամեր»։ Կոլյան իսկույն ուզեց նեղանալ «դուրս անել չի լինի» խոսքի վրա, բայց հետաձգեց մի ուրիշ անդամվա, և եթե խոսքն ինքը չափաղանց վիրավորական չլիներ, ապա, թերևս, բոլորովին ներեր. այդ աստիճան նրան դուր էր եկել Լիզավետա Պրոկոֆևնայի հուզմունքն ու անհանգստությունը իշխանի հիվանդության լուրն իմանալիս։ Լիզավետա Պրոկոֆևնան երկար պնդում էր, որ անհրաժեշտ է անմիջապես հատուկ մարդ ուղարկել Պետերբուրգ, որպեսզի տեղից հաներ առաջին կարգի մեծության ինչ֊որ հռչակավոր բժշկի և առաջին գնացքով սլացներ֊բերեր. բայց աղջիկները համոզեցին, որ այդ չանի, նրանք, ի դեպ, չուզեցան ետ մնալ մայրիկից, երբ սա վայրկենաբար պատրաստվեց, որ այցի գնա հիվանդին։
 +
 +
— Նա մահվան մահճում է,— իրար անցած ասում էր Լիզավետա Պրոկոֆևնան,— իսկ մենք այստեղ պիտի ձևականություններ պահպանենք։ Նա մեր տան բարևկա՞մն է, թե ոչ։
 +
 +
— Բայց առանց ջուրը տեսնելու բոբիկանալն էլ մի բան չէ,— նկատեց Ագլայան։
 +
 +
— Դե, ուրեմն մի գա, և նույնիսկ լավ էլ կանես. Եվգենի Պավլովիչը կգա, մարդ չի լինի, որ նրան ընդունի։
 +
 +
Այդ խուսքերից հետո Ագլայան, հասկանալի է, անմիջապես ճամփա ընկավ բոլորի հետ, որ, ի դեպ, առանց այդ էլ մտադիր էր անելու։ Ադելաիդայի հետ նստած իշխան Շչ-ն, նրա խնդրանքով, անմիջապես համաձայնեց ուղեկցել կանանց։ Նա դեռ առաջ էլ, Եպանչինների հետ իր ծանոթության սկզբում, չափազանց հետաքրքրվել էր, երբ նրանցից իմացել էր իշխանի մասին։ Պարզվեց, որ Շչ-ն նրա հետ ծանոթ է, որ նրանք վերջերս մի տեղ ծանոթացել են և մի երկու շաբաթ միասին ապրել ինչ-որ քաղաքում։ Դա եղել է մոտ երեք ամիս առաջ։ Իշխան Շչ֊ն նույնիսկ շատ էր պատմում իշխանի մասին և առհասարակ նրա մասին խոսում էր մեծ համակրանքով, այնպես որ հիմա անկեղծ բավականությամբ այցի էր գնում իր հին ծանոթին։ Գեներալ Իվան Ֆյոդորովիչն այս անգամ տանը չէր։ Եվգենի Պավլովիչը նույնպես դեռ չէր եկել։
 +
 +
Եպանչինների տնից մինչև Լեբեդևի ամառանոցը երեք հարյուր քայլից ավելի չէր։ Իշխանի մոտ Լիզավետա Պրոկոֆևնայի առաջին տհաճ տպավորությունն այն էր, որ նա իշխանի շուրջը գտավ հյուրերի մի ամբողջ խումբ, չխոսելով արդեն այն մասին, որ այդ խմբում կային նրա համար վճռականորեն ատելի երկու֊երեք հոգի։ Երկրորդը՝ զարմանքն էր, երբ տեսավ իրենց ընդառաջ եկող արտաքուստ բոլորովին առողջ, պճնագեղորեն հագնված ու ծիծաղկոտ երիտասարդին, փոխանակ մահվան մահճում մեռնողի, ինչպես նա սպասում էր նրան գտնել։ Նա նույնիսկ տարակուսած կանգ առավ, ի մեծ գոհունակություն Կոլյայի, որը, իհարկե, հրաշալի կարող էր բացատրել, երբ դեռ գեներալի կինը չէր շարժվել իր ամառանոցից, որ բացարձակապես ոչ ոք չի մեռնում և ոչ մի մահվան մահիճ չկա, բայց չբացատրեց, խորամանկորեն նախազգալով Եպանչինայի ապագա կոմիկական զայրույթը, երբ նա, Կոլյայի հաշիվներով, անպայման կզայրանա նրա համար, որ իշխանին՝ Կոլյայի անկեղծ բարեկամին, առողջ կգտնի։ Կոլյան նույնիսկ այնքան անքաղաքավարի եղավ, որ բարձրաձայն արտահայտեց իր կռահումը, որպեսզի վերջնականապես գրգռի Լիզավետա Պրոկոֆևնային, որի հետ շարունակ և երբեմն շատ չարասրտորեն խոսք էր կռվեցնում, չնայած նրանց իրար կապող բարեկամությանը։
 +
 +
― Սպասիր, սիրելիս, մի՛ շտապիր, մի՛ փչացրու քո հաղթանակը,— պատասխանում էր Լիզավետա Պրոկոֆևնան, նստելով իշխանի հրամցրած բազկաթոռին։
 +
 +
Լեբեդևը, Պտիցինը, գեներալ Իվոլգինը նետվեցին աթոռներ հրամցնելու օրիորդներին։ Ագլայային աթոռ հրամցրեց գեներալը։ Լեբեդևը աթոռ տվեց նաև իշխան Շչ-ին, ըստ որում նույնիսկ մեջքի թեքումով կարողացավ արտահայտել իր արտակարգ հարգալիրությունը։ Վարյան, ըստ սովորականի, հիացմունքով ու շշուկով ողջունում էր օրիորդներին։
 +
 +
— Այդ ճիշտ է, որ ես կարծում էի, իշխան, թե քեզ անկողնում կգտնեմ, այնպես էի վախից չափազանցրել, և, ոչ մի գնով սուտ չեմ ասի, հիմա ինձ սարսափելի զայրացրեց քո երջանիկ դեմքը, բայց երդվում եմ քեզ, դա ընդամենը մեկ րոպե, քանի դեռ չէի հասցրել միտք անել։ Ես, հենց որ մտմտում եմ, միշտ ավելի խելացի եմ վարվում ու խոսում, կարծում եմ, որ դու ևս։ Իսկ իսկականը, հարազատ որդուս առողջանալուն, եթե որդի ունենայի, գուցե ավելի քիչ ուրախանայի, քան քո առողջանալուն, իսկ եթե իմ այս խոսքին չես հավատում, ապա ամոթը քեզ է, ոչ թե ինձ։ Իսկ այս չարասիրտ, անպիտան տղան իրեն թույլ է տալիս դրանից էլ լավ կատակներ անել ինձ հետ։ Դու, կարծեմ, նրան հովանավորում ես. ուրեմն նախազգուշացնում եմ քեզ, որ մի գեղեցիկ առավոտ, հավատա ինձ, ինձ կզրկեմ նրա ծանոթությունից օգտվելու պատիվն ունենալու բավականությունից։
 +
 +
— Ես ի՞նչ մեղք ունեմ,— բղավում էր Կոլյան,— ինչքան էլ ձեզ հավատացնեի, թե իշխանը գրեթե առողջ է, դուք չէիք ուզենա հավատալ, որովհետև նրան մահվան մահճի մեջ պատկերացնելն ավելի հետաքրքիր էր։
 +
 +
— Երկա՞ր ժամանակով եք եկել մեզ մոտ,— իշխանին դիմեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 +
 +
— Ամբողջ ամառը, գուցե և ավելի։
 +
 +
— Դու մենակ ես, այնպես չէ՞։ Ամուսնացած չե՞ս։
 +
 +
— Ոչ, ամուսնացած չեմ,— ժպտաց իշխանը այդ խայթոցի միամտության վրա։
 +
 +
— Ժպտալու կարիք չկա. դա պատահում է։ Ես ամառանոցի մասին եմ ասում, ինչո՞ւ մեզ մոտ չտեղափոխվեցիր։ Մեզ մոտ ամբողջ կցաշենքը դատարկ է, ասենք, ինչպես կուզես։ Սրանի՞ց ես վարձակալել։ Այ սրանի՞ց,— ավելացրեց նա կիսաձայն, գլխով ցույց տալով Լեբեդևին։— Ի՞նչ է շարունակ ծռմռվում։
 +
 +
Այդ րոպեին սենյակներից պատշգամբ դուրս եկավ Վերան, ըստ իր սովորության՝ երեխան գրկին։ Լեբեդևը, որ պտույտ-պտույտ էր անում աթոռների մոտ և ուղղակի չգիտեր, թե ուր խցկի իրեն, բայց բոլորովին չէր ուզում գնալ, հանկարծ հարձակվեց Վերայի վրա, ձեռները թափահարեց նրա վրա, և նույնիսկ, ինքն իրեն կորցնելով, ոտները դոփեց։
 +
 +
— Նա խելագա՞ր է,— հանկարծ ավելացրեց գեներալի կինը։
 +
 +
— Ոչ, նա...
 +
 +
— Գուցե հարբա՞ծ է։ Տգեղ ընկերակցություն ունես,— հատու ասաց նա, իր հայացքով ընդգրկելով նաև մյուս հյուրերին,— Բայց ի՜նչ անուշիկ աղջիկ էր։ Ո՞վ է։
 +
 +
— Դա Վերա Լուկյանովնան է, այդ Լեբեդևի աղջիկը։
 +
 +
— Ա՜... Շատ լավիկն է։ Ես ուզում եմ նրա հետ ծանոթանալ։
 +
 +
Բայը Լեբեդևը, լսելով Լիզավետա Պրոկոֆևնայի գովեստները, արդեն ինքն էր քարշ տալիս աղջկանը, որ ներկայացնի նրան։
 +
 +
— Ո՜րբ ենք, ո՜րբ ենք,— հալվում էր նա, մոտենալով,— նրա գրկի այս երեխան էլ որբ է, նրա քույրն է, Լյուբով աղջիկս, և ծնված է ամենաօրինական ամուսնությունից, նոր վախճանված Ելենայից, իմ կնոջից, որը մեռավ սրանից վեց շաբաթ առաջ, ծննդաբերությունից, կամոքն աստծու․․․ այո-ո... մոր փոխարեն է, թեև միայն քույր է և ոչ ավելի, քան քույր... ոչ ավելի, ոչ ավելի...
 +
 +
— Իսկ դու, եղբայր, ոչ ավելի, քան հիմար ես, ներիր ինձ։ Դե բավական է, կարծեմ ինքդ էլ ես հասկանում,— հանկարծ նրա խոսքը կտրեց Լիզավետա Պրոկոֆևնան արտասովոր զայրույթով։
 +
 +
— Կատարյա՜լ ճշմարտություն,— ամենահարգալից ձևով ու խոր գլուխ տվեց Լեբեդևը։
 +
 +
— Լսեցեք, պարոն Լեբեդև, ճի՞շտ են ասում ձեր մասին, որ դուք մեկնաբանում եք հայտնության գիրքը,— հարցրեց Ագլայան։
 +
 +
— Կատարյալ ճշմարտություն է... տասնհինգերորդ տարին է։
 +
 +
— Ես ձեր մասին լսել եմ։ Կարծեմ ձեր մասին թերթերո՞ւմ էլ էին տպել։
 +
 +
— Ոչ, դա ուրիշ մեկնաբանի մասին է, ուրիշի, և նա մեռել է, իսկ ես մնացել եմ նրա փոխարեն,— ուրախությունից ինքն իրեն կորցրած ասաց Լեբեդևը։
 +
 +
— Բարի եղեք, մոտ օրերս մի անգամ մեկնաբանեցեք ինձ համար հարևանաբար։ Ես հայտնությունից բան չեմ հասկանում։
 +
 +
— Չեմ կարող ձեզ չնախազգուշացնել, Ագլայա Իվանովնա, որ այդ բոլորը նրա կողմից միայն շառլատանություն է, հավատացեք,― արագ միջամտեց հանկարծ գեներալ Իվոլգինը, որը կարծես փշերի վրա լիներ և ամբողջ ուժով ուզում էր որևէ կերպ խոսակցություն սկսել. նա նստեց Ագլայա Իվանովնայի կողքին,― իհարկե, ամառանոցն իր իրավունքներն ունի,— շարունակեց նաև իր բավականությունները, և հայտնության գիրքը մեկնաբանելու համար այսպիսի ինտրուսին հրավիրելը մի այլ զվարճանքի պես զվարճանք է և նույնիսկ խելքի տեսակետից հիանալի զվարճանք է, բայց ես... Դուք, կարծեմ, զարմանքո՞վ եք նայում ինձ վրա։ Գեներալ Իվոլգինն եմ, պատիվ ունեմ ներկայանալու։ Ես ձեզ ձեռներիս վրա եմ ման ածել, Ագլայա Իվանովնա։
 +
 +
— Շատ ուրախ եմ։ Ինձ ծանոթ են Վարվառա Արդալիոնովնան և Նինա Ալեքսանդրովնան,— մրթմրթաց Ագլայան, ամբողջ ուժերը լարած, որ չփռթկացնի։
 +
 +
Լիզավետա Պրոկոֆևնան բռնկվեց։ Նրա հոգում վաղուց կուտակված ինչ-որ բան հանկարծ ելք պահանջեց։ Նա տանել չէր կարող գեներալ Իվոլգինին, որի հետ մի ժամանակ ծանոթ էր, բայց շատ վաղուց։
 +
 +
— Ստում ես, եղբայր, սովորությանդ համաձայն, դու երբեք նրան ձեռներիդ վրա ման չես ածել,― զայրույթով գեներալի խոսքը կտրեց նա։
 +
 +
— Դուք մոռացել եք, maman աստված վկա ման է ածել, Տվերում,— հանկարծ հաստատեց Ագլայան։— Մենք այն ժամանակ Տվերում էինք ապրում։ Ես այն ժամանակ վեց տարեկան կլինեի, հիշում եմ։ Նա ինձ համար նետ ու աղեղ պատրաստեց, և նետաձգություն սովորեցրեց, և ես մի աղավնի սպանեցի։ Հիշո՞ւմ եք, մենք միասին մի աղավնի սպանեցինք։
 +
 +
— Իսկ ինձ այն ժամանակ ստվարաթղթե սաղավարտ և փայտե թուր էր բերել, ես էլ եմ հիշում,— բացականչեց Ադելաիդան։
 +
 +
— Ես էլ եմ դա հիշում,— հաստատեց Ալեքսանդրան։— Դուք դեռ այն ժամանակ սպանված աղավնու համար կռվեցիք, և ձեզ անկյուն կանգնեցրին. Ադելաիդան այդպես էլ կանգնած էր, սաղավարտով ու փայտե թրով։
 +
 +
Գեներալը, Ագլայային հայտարարելով, թե նրան ձեռների վրա է ման ածել, դա ասաց ''այնպես'', միայն որպեսզի խոսակցություն սկսեր, և լոկ նրա համար, որ գրեթե միշտ այդպես էր սկսում խոսակցությունը երիտասարդների հետ, եթե հարկավոր էր համարում նրանց հետ ծանոթանալ։ Հայց այս անգամ այնպես պատահեց, որ նա ճշմարտությունն էր ասել և, կարծես դիտմամբ, այդ ճշմարտությունը նա ինքը մոռացել էր։ Այնպես որ, երբ հիմա հանկարծ Ագլայան հաստատեց, որ ինքը նրա հետ աղավնի է սպանել, գեներալի հիշողությունը միանգամից լուսավորվեց, և նա ինքը այդ ամենի մասին հիշեց մինչև վերջին մանրամասնությունը, ինչպես հաճախ տարեց հասակում մարդ մտաբերում է որևէ բան հեռավոր անցյալից։ Դժվար է ասել, թե այդ հիշողության մեջ ինչը այդքան ուժեղ կարող էր ազդել խեղճ և, ըստ սովորականի, մի քիչ գինով գեներալի վրա. բայց նա հանկարծ անասելի հուզվեց։
 +
 +
— Հիշում եմ, ամեն ինչ հիշում եմ,― գոչեց նա։— Ես այն ժամանակ շտաբս-կապիտան էի։ Դուք այսպիսի պստլիկն էիք, լավիկը։ Նինա Ալեքսանդրովնա... Գանյա... Ես ձեզ մոտ... ընդունված էի, Իվան Ֆյոդորովիչ․․․
 +
 +
― Եվ ահա, տեսնո՞ւմ ես, մինչև ուր ես հասել հիմա,— վրա բերեց գեներալի կինը։― Նշանակում է, այնուամենայնիվ, գինու չես տվել քո ազնիվ զգացմունքները, եթե այդպես ազդեց։ Իսկ կնոջդ տանջել ես։ Փոխանակ երեխաներիդ ղեկավարելու, կալանատանն ես նստած։ Գնա, եղբայր, այստեղից, մտիր մի տեղ, կանգնիր դռան հետև մի անկյուն և լաց եղիր, հիշիր քո առաջվա անմեղությունը, գուցե թե աստված ների։ Հապա մի գնա՛, գնա՛, ես քեզ լուրջ եմ ասում։ Ուղղվելու համար ավելի լավ բան չկա, քան զղջանքով անցյալը մտաբերելը։
 +
 +
Բայց հարկ չկար կրկնելու, թե լուրջ են ասում, գեներալը, ինչպես և բոլոր մշտապես գինով մարդիկ, շաա զգայուն էր և ինչպես բոլոր չափից ավելի ընկած գինով մարդիկ, հեշտ չէր դիմանում երջանիկ անցյալի հիշողություններին։ Նա վեր կացավ և, հնազանդ՝ քայլերն ուղղեց դեպի դուռը, այնպես որ Լիզավետա Պրոկոֆևնան անմիջապես խղճահարվեց։
 +
 +
— Արդալիոն Ալեքսանդրովիչ, եղբա՜յր,— կանչեց նրա հետևից,— կանգ առ մի րոպե. մենք բոլորս մեղավոր ենք. երբ զգաս, որ խիղճդ քեզ պակաս է խայթում, եկ ինձ մոտ, նստենք խոսենք անցյալի մասին։ Չէ՞ որ ես ինքս, գուցե, քեզնից հիսուն անգամ ավելի մեղավոր եմ. դե, իսկ հիմա գնաս բարով, գնա, այստեղ գործ չունես...— վախեցավ նա հանկարծ, որ գեներալը կվերադառնա։
 +
 +
— Լավ կլիներ, դեռ հիմա չգնայիք նրա հետևից,— կանգնեցրեց իշխանը Կոլյային, որն ուզեց վազել հոր հետևից։— Թե չէ մի րոպե անց նա կզայրանա և ամբողջ այս պահը կփչանա։
 +
 +
— Այդ ճիշտ է, նրան ձեռ մի տա. կես ժամ հետո գնա,— վճռեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 +
 +
— Ահա թե ինչ է նշանակում կյանքում գեթ մի անգամ ճշմարտությունն ասելը, արտասվելու աստիճան ազդեց,— համարձակվեը խոսք գցել Լեբեդևը։
 +
 +
— Է, երևի դու էլ շատ լավն ես, ախպեր. եթե իմացածս ճիշտ է,— անմիջապես նրան սաստեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 +
 +
Իշխանի մոտ հավաքված բոլոր հյուրերի փոխադարձ դիրքերը կամաց֊կամաց որոշվեցին։ Իշխանը, հասկանալի է, ի վիճակի էր գնահատելու և գնահատեց գեներալի կնոջ և նրա աղջիկների կարեկցության ամբողջ չափը և, իհարկե, անկեղծորեն հայտնեց նրանց, որ ինքն էլ հենց այսօր, դեռ մինչև նրանց այցելությունը, մտադիր էր անպայման ներկայանալ Նրանց մոտ, չնայելով ոչ իր հիվանդությանը, ոչ ուշ ժամին։ Լիզավետա Պրոկոֆևնան, նայելով նրա հյուրերին, պատասխանեց, որ դա հիմա էլ կարելի է ի կատար ածել։ Պտիցինը, քաղաքավարի ու չափազանց վարվեցող մարդ լինելով, շատ շուտով վեր կացավ ու քաշվեց Լեբեդևի կցաշենքը, շատ ցանկանալով իր հետ տանել նաև Լեբեդևին իրեն։ Սա խոստացավ շուտով գնալ, մինչդեռ այդ ժամանակ Վարյան զրույցի բռնվեց օրիորդների հետ ու մնաց։ Նա և Գանյան շատ ուրախ էին գեներալի հեռանալուն. Գանյան ինքն էլ շուտով գնաց Պտիցինի հետևից։ Իսկ այն մի քանի րոպեն, որ նա անցկացրեց պատշգամբում Եպանչինների հետ, նա իրեն պահում էր համեստ, արժանապատվությամբ և իրեն բոլորովին չկորցրեց Լիզավետա Պրոկոֆևնայի վրճռական հայացքներից, որը երկու անգամ ոտից գլուխ զննեց նրան։
 +
 +
Հիրավի, նրան առաջ ճանաչողները կարող էին մտածել, որ նա շատ է փոխվել։ Դա շատ դուր եկավ Ագլայային։
 +
 +
― Դա Գավրիլա Արդալիոնովիչը չէ՞ր, որ դուրս գնաց,— հարցրեց նա հանկարծ, ինչպես սիրում էր անել երբեմն, բարձրաձայն, կտրուկ, իր հարցով ընդհատելով մյուսների խոսակցությունը և անձնապես ոչ ոքի չդիմելով։
 +
 +
— Նա էր,― պատասխանեց իշխանը։
 +
 +
— Հազիվ ճանաչեցի նրան։ Շատ է փոխվել և... զգալիորեն դեպի ավելի լավը։
 +
 +
— Ես շատ ուրախ եմ նրա համար,— ասաց իշխանը։
 +
 +
— Նա շատ հիվանդ էր,— ավելացրեց Վարյան ուրախ կարեկցությամբ։
 +
 +
— Այդ ի՞նչն է դեպի լավը փոխվել,― զայրացկոտ տարակուսանքով և համարյա վախեցած հարցրեց Լիզավետա Պրոկոֆևնան,― որտեղի՞ց վերցրիր։ Ոչ մի լավ բան չկա։ Հատկապես ի՞նչն է քեզ ավելի լավ թվում։
 +
 +
— «Աղքատ ասպետից» ավելի լավ ոչ մի լավ բան չկա,— ազդարարեց հանկարծ Կոլյան, որ ամբողջ ժամանակ կանգնած էր Լիզավետա Պրոկոֆևնայի մոտ։
 +
 +
— Ես ինքս էլ այդպես եմ կարծում,— ասաց իշխան Շչ-ն և ծիծաղեց։
 +
 +
— Ես լիովին նույն կարծիքին եմ,— հանդիսավոր ձևով ազդարարեց Ադելաիդան։
 +
 +
― Ո՞ր «աղքատ ասպետ»֊ի,— հարցնում էր գեներալի կինը տարակուսանքով ու բարկությամբ նայելով բոլոր խոսողներին, բայց տեսնելով, որ Ագլայան բռնկվեց, սրդողած ավելացրեց.— Որևէ դատարկաբանություն կլինի։ Այդ ի՞նչ «աղքատ ասպետ» է։
 +
 +
— Մի՞թե առաջին անգամն է, որ այս անպիտան տղան՝ ձեր հովանավորյալը, աղավաղում է ուրիշի խոսքերը,— գոռոզ զայրույթով պատասխանեց Ագլայան։
 +
 +
Ագլայայի ամեն մի զայրալից արարքի մեջ (իսկ նա շատ հաճախ էր զայրանում) գրեթե ամեն անգամ, չնայած առերևույթ նրա ողջ լրջությանն ու անողոքությանը, ցոլանում էր դեռ այնքան ինչ֊որ մանկական, անհամբեր աշակերտական և վատ թաքցրած բան, որ երբեմն նրան նայելիս հնար չկար չծիծաղելու, ի դեպ, ի մեծ զայրույթ Ագլայայի, որը չէր հասկանում, թե ինչի վրա են ծիծաղում և «ինչպե՞ս կարող են, ինչպե՞ս են համարձակվում նրանք ծիծաղել»։ Հիմա էլ ծիծաղեցին քույրերը, իշխան Շչ֊ն, և նույնիսկ ժպտաց իշխան Լև Նիկոլաևիչն ինքը, որը նույնպես չգիտես ինչու շիկնեց։ Կոլյան հռհռում և ցնծում էր։ Ագլայան լրջորեն բարկացավ և կրկնակի սիրունացավ։ Նրան խիստ սազում էր շփոթմունքը և հենց դրա հետ բարկությունն իր վրա այդ շփոթմունքի համար։
 +
 +
— Քի՜չ է աղավաղել ձեր խոսքերը,— ավելացրեց նա։
 +
 +
— Ես հենց ձեր սեփական բացականչության վրա եմ հիմնվում,― բղավեց Կոլյան։— Մի ամիս առաջ դուք թերթում էիք «Դոն-Կիխոտը» և բացականչեցիք այդ բառերը, թե «աղքատ ասպետից» լավը չկա։ Չգիտեմ, ում մասին էիք ասում այն ժամանակ, Դոն-Կիխոտի, թե Եվգենի Պավլովիչի մասին, թե էլի մի անձնավորության մասին, միայն թե ինչ-որ մեկի մասին ասում էիք, և երկար խոսակցություն էր գնում...
 +
 +
— Տեսնում եմ, դու արդեն քեզ չափից ավելին ես թույլ տալիս, սիրելիս, քո ենթադրություններով,— բարկացած նրա խոսքը կտրեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 +
 +
— Մի՞թե մենակ ես եմ,—չէր լռում Կոլյան,— բոլորն էին ասում այն ժամանակ, ասենք հիմա էլ են ասում, ահա նոր իշխան Շչ֊ն և Ադելաիդա Իվանովնան, և բոլորը հայտարարեցին, որ «աղքատ ասպետի» կողմն են, նշանակում է, «աղքատ ասպետը» գոյություն ունի և անպայման կա, իսկ իմ կարծիքով, եթե Ադելաիդա Իվանովնան ուզենար, ապա մենք բոլորս արդեն վաղուց կիմանայինք, թե ով է «աղքատ ասպետը»։
 +
 +
— Իսկ ե՞ս ինչով եմ մեղավոր,— ծիծաղում էր Ադելաիդան։
 +
 +
— Պատկերը չէիք ուզում նկարել, ահա թե ինչով եք մեղավոր։ Ագլայա Իվանովնան այն ժամանակ ձեզ խնդրում էր նկարել «աղքատ ասպետի» պատկերը և նույնիսկ պատմեց պատկերի ամբողջ սյուժեն, որն հենց ինքն էլ հնարել էր․ հիշո՞ւմ եք սյուժեն։ Դուք չէիք ուզում․․․
 +
 +
— Բայց ինչպե՞ս պիտի նկարեի, ո՞ւմ։ Ըստ սյուժեի դուրս է դալիս, որ այդ «աղքատ ասպետը»
 +
 +
Էլ չբացեք այդ օրվանից 
 +
Իր դիմկալը երկաթյա։ 
 +
 +
Այստեղ ի՞նչ դեմք կարող էր ստացվել։ Ի՞նչ նկարեի՝ դիմկա՞լը։ Անոնի՞մ։
 +
 +
— Ոչինչ չեմ հասկանում, թե այդ ինչ դիմկալ է,— գրգռվում էր գեներալի կինը, սկսելով իր մեջ շատ լավ հասկանալ, ով էր նկատի առնվում (և, հավանաբար, արդեն վաղուց պայմանավորված) «աղքատ ասպետ» անվան տակ։ Բայց նրան առանձնապես պայթեցրեց, որ իշխան Լև Նիկոլաևիչը նույնպես ամաչեց և, վերջապես, բոլորովին շփոթվեց, ինչպես տասնամյա տղա։— Ինչ է, վերջանալո՞ւ է թե ոչ այս հիմարությունը։ Ինձ բացատրելո՞ւ են թե ոչ այդ «աղքատ ասպետը»։ Մի ինչ-որ այնպիսի գաղտնի՞ք է, ինչ է, որ մոտենալ էլ չի լինի։
 +
 +
Բայց բոլորը միայն շարունակում էին ծիծաղել։
 +
 +
— Ուղղակի մի տարօրինակ ռուսերեն բանաստեղծություն կա,— միջամտեց իշխան Շչ-ն, ըստ երևույթին ուզենալով որքան կարելի է շուտ կոծկել և փոխել խոսակցությունը,— «աղքատ ասպետի» մասին, մի հատված առանց սկզբի և վերջի։ Մոտ մի ամիս առաջ բոլորս միասին ճաշից հետո ծիծաղում էինք և սովորականի պես սյուժե էինք որոնոէմ Ադելաիդա Իվանովնայի ապագա նկարի համար։ Դուք գիտեք, որ ընդհանուր ընտանեկան խնդիրը վաղուց արդեն այն է, որ սյուժե գտնենք Ադելաիդա Իվանովնայի նկարի համար։ Հենց այդ կապակցությամբ հիշեցինք «աղքատ ասպետին», թե առաջինը ով՝ չեմ հիշում...
 +
 +
— Ագլայա Իվանովնան,— բղավեց Կոլյան։
 +
 +
— Կարող է պատահել, համաձայն եմ, միայն թե ես չեմ հիշում,— շարունակեց իշխան Շչ-ն։— Ոմանք դրա վրա ծիծաղում էին, մյուսները ազդարարում էին, որ ոչինչ չի կարող ավելի բարձր լինել, բայց «աղքատ ասպետին» պատկերելու համար, համենայն դեպս, դեմք էր պետք. սկսեցինք վերհիշել բոլոր ծանոթների դեմքերը, ոչ մեկը պիտանի դուրս չեկավ, դրանով էլ դործը վերջացավ. ահա և բոլորը․ չեմ հասկանում, ինչու Նիկոլայ Արդալինովիչի խելքին փչեց այդ բոլորը հիշեցնել ու ջրի երես հանել։ Ինչ-որ առաջ ծիծաղելի ու տեղին էր, հիմա բոլորովին հետաքրքիր չէ։
 +
 +
— Որովհետև ենթադրվում է մի նոր խայթիչ ու վիրավորական հիմարություն,— բերնին եկավ Լիզավետա Պրոկոֆևնան։
 +
 +
— Ոչ մի հիմարություն չկա, բացի ամենախորին հարգանքից,— բոլորովին անսպասելի՝ նշանակալից ու լուրջ ձայնով հանկարծ արտասանեց Ագլայան, որն արդեն կարողացել էր բոլորովին իշխել իրեն և ճնշել առաջվա շփոթմունքը։ Դեռ ավելին, նրա վրա նայելով, մի քանի նշաններից կարելի էր կարծել, որ հիմա ինքն է ուրախանում, որ կատակը գնալով ավելի է խորանում, և նրա մեջ այդ ամբողջ հեղաշրջումը տեղի ունեցավ հենց այն ակնթարթին, երբ չափազանց ակնհայտ դարձավ իշխանի՝ ավելի ու ավելի աճող և արտակարգ աստիճանի հասած շփոթմունքը։
 +
 +
— Մեկ հռհռում են խենթի պես, իսկ էստեղ հանկարծ խորագույն հարգա՜նք լույս ընկավ։ Կատաղածնե՜ր։ Ինչո՞ւ հարգանք։ Իսկույն ասա, ինչու այդպես հանկարծ, առանց մի պատճառի խորագույն հարգանք հայտնվեց քո մեջ։
 +
 +
— Նրա համար խորագույն հարգանք,— նույնքան լուրջ ու նշանակալից շարունակեց Ագլայան ի պատասխան մոր գրեթե քինոտ հարցին,— նրա համար, որ այդ բանաստեղծության մեջ ուղղակի պատկերված է մի մարդ, որն ընդունակ է իդեալ ունենալ, երկրորդ, իր համար իդեալ ընտրելով, հավատալ դրան, իսկ հավատալով, կուրորեն այդ իդեալին նվիրաբերել իր ողջ կյանքը։ Այդ միշտ չէ, որ պատահում է մեր դարում։ Այնտեղ, այդ բանաստեղծության մեջ, չի ասված, թե որն էր հատկապես «աղքատ ասպետի» իդեալը, բայց երևում է, որ նա ինչ֊որ «լուսավոր կերպար է», «մաքուր գեղեցկության կերպար» և նույնիսկ սիրահարված ասպետը, շալի փոխարեն վզին տերողորմյա էր փաթաթել։ Ճիշտ է, այնտեղ կա նաև մի ինչ-որ մութ, թերասված նշանաբան, Ա. Ն. Բ. տառերը, որոնք նա գրել է իր վահանի վրա...
 +
 +
— Ա. Մ. Դ.,— ուղղեց Կոլյան։
 +
 +
— Իսկ ես ասում եմ Ա, Ն, Բ. և այդպես եմ ուզում ասել,— բարկությամբ նրա խոսքը կտրեց Ագլայան,― ինչ էլ որ լինի, բայց պարզ բան է, որ այդ աղքատ ասպետի համար արդեն միևնույն էր, թե ով կլինի և ինչ կանի իր դաման։ Այն էլ բավական էր, որ նա ընտրել էր նրան և հավատացել նրա «մաքուր գեղեցկությանը», և ապա արդեն խոնարհվել նրա առաջ առհավետ, հենց դրանում է արժանիքը, որ եթե հետո նրա դաման թեկուզ գող լիներ, ապա ասպետը համենայն դեպս պետք է հավատար նրան և հանուն նրա մաքուր գեղեցկության մարտի նետվեր։ Կարծեմ դրա համար էլ ուզում էինք մի արտակարգ կերպարի մեջ հարադրել որևէ մաքուր ու վսեմ ասպետի միջնադարյան պլատոնիկ սիրո ողջ վիթխարի հասկացողությունը։ Հասկանալի է, այդ ամենը իդեալ է։ Իսկ «աղքատ ասպետի» մեջ այդ զգացմունքը արդեն հասել է վերջին աստիճանին, ասկետիզմի. պետք է խոստովանել, որ այդպիսի զգացմունքի ընդունակությունը շատ բան է նշանակում և որ այդպիսի զգացմունքները իրենցից հետո թողնում են խոր հետք և մյուս կողմից չափազանց գովելի, չխոսելով արդեն Դոն֊Կիխոտի մասին։ «Աղքատ ասպետը» նույն Դոն-Կիխոտն է, միայն թե լուրջ և ոչ թե կոմիկական։ Ես սկզբում չէի հասկանում և ծիծաղում էի, իսկ հիմա սիրում եմ «աղքատ ասպետին», իսկ գլխավորը, հարգում եմ նրա սխրանքները։
 +
 +
Այդպես ավարտեց Ագլայան, և, նրան նայելով, նույնիսկ դժվար էր հավատալ, լո՞ւրջ է ասում նա, թե ծիծաղում է։
 +
 +
— Դե, որևէ հիմար է և՛ նա, և՛ նրա սխրանքները,— վճռեց գեներալի կինը։— Եվ դու էլ, սիրելիս, լավ փչեցիր, մի ամբողջ դասախոսություն. նույնիսկ լավ չես անում, իմ կարծիքով։ Համենայն դեպս, թույլատրելի չէ։ Ի՞նչ բանաստեղծություն է։ Կարդա, հավանաբար գիտես։ Ես անպայման ուզում եմ իմանալ այդ բանաստեղծությունը։ Ամբողջ կյանքումս տանել չէի կարող բանաստեղծությունները, կարծես նախազգում էի։ Ի սեր աստծու, իշխան, համբերիր, ինչպես երևում է ես ու դու ստիպված ենք միասին համբերել,— դարձավ նա իշխան Լև Նիկոլաևիչին։ Գեներալի կինը շատ էր բարկացած։
 +
 +
Իշխան Լև Նիկոլաևիչն ուզեց ինչ-որ բան ասել, բայց ոչինչ չկարողացավ արտաբերել շարունակվող շփոթմունքի պատճառով։ Միայն Ագլայան, որ այնքան բան էր թույլ տվել իր «դասախոսության» մեջ, բոլորովին չշփոթվեց, նույնիսկ կարծես ուրախ էր։ Նա անմիջապես վեր կացավ, շարունակ առաջվա պես լուրջ ու նշանակալից, այնպիսի տեսքով, կարծես նախօրոք պատրաստվել էր դրան և միայն հրավերի էր սպասում, դուրս եկավ պատշգամբի մեջտեղը և կանգնեց իշխանի դիմաց, որը շարունակում էր նստել իր բազկաթոռում։ Բոլորը որոշ զարմանքով նայում էին նրան, և դրեթե բոլորը՝ իշխան Շչ-ն, քույրերը, մայրը, տհաճ զգացմունքով նայում էին այդ նոր պատրաստվող չարաճճիությանը, որը, համենայն դեպս, մի քիչ հեռու էր գնացել։ Բայց երևում էր, որ Ագլայային դուր էր գալիս հենց այդ ամբողջ շինծու շարժուձևը, որից նա սկսում էր բանաստեղծության ընթերցման արարողությունը։
 +
 +
Լիզավետա Պրոկոֆևնան քիչ մնաց նրան քշեր իր տեղը, բայց նույն այն րոպեին, հենց որ Ագլայան սկսեց արտասանել հայտնի բալլադը, երկու նոր անձ, բարձրաձայն խոսելով, փողոցից մտան պատշգամբ։ Դա գեներալ Իվան Ֆյոդորովիչ Եպանչինն էր և նրա հետևից մի երիտասարդ։ Մի փոքրիկ հուզում տեղի ունեցավ։
 +
 +
=== VII ===
 +
 +
Գեներալին ուղեկցող երիտասարդը մոտ քսանութ տարեկան էր, բարձրահասակ, բարեկազմ, սքանչելի և խելացի դեմքով, խոշոր սև աչքերի սրամիտ ու ծաղրալի արտահայտությամբ։ Ագլայան նույնիսկ չշրշվեց նրա կողմը և շարունակում էր բանաստեղծությունն արտասանել, անբնականորեն շարունակելով նայել միայն իշխանին և միայն նրան դիմելով։ Իշխանի համար պարզ դարձավ, որ նա այդ անում է ինչ֊որ հատուկ հաշվով։ Բայց գոնե նոր հյուրերը մի փոքր լավացրին նրա անհարմար վիճակը։ Նրանց տեսնելով, իշխանը տեղից վեր կացավ, հեռվից սիրալիր գլուխ տվեց գեներալին, նշանացի հասկացրեց, որ չընդհատեն ընթերցումը, իսկ ինքը հասցրեց անցնել բազկաթոռի հետևը, որտեղ, ձախ ձեռքը հենած թիկնակին, շարունակում էր ունկնդրել բալլադը արդեն, այսպես ասած, ավելի հարմար և ոչ այնպիսի «ծիծաղելի» վիճակում, ինչպես բազկաթոռում նստած։ Իր կողմից, Լիզավետա Պրոկոֆևնան երկու անգամ հրամայական շարժումով ձեռքը թափահարեց ներս եկողների վրա, որպեսզի նրանք կանգ առնեն։ Ի միջի այլոց իշխանը շատ էր հետաքրքրվում գեներալին ուղեկցող իր նոր հյուրով, նա պարզ կռահեց, որ դա Եվգենի Պավլովիչ Ռոդոմսկին է, որի մասին արդեն շատ էր լսել և հաճախ մտածել։ Նրան շփոթեցնում էր միայն Ռոդոմսկու քաղաքացիական զգեստը, նա լսել էր, որ Եվգենի Պավլովիչը զինվորական է։ Բանաստեղծության ընթերցման ամբողջ ընթացքում ծաղրական ժպիտը թափառում էր նոր հյուրի շրթունքներին, կարծես թե նա էլ արդեն որոշ բան լսել էր «աղքատ ասպետի» մասին։
 +
 +
«Գուցե ինքն էլ հնարել է»,— մտածեց իշխանն ինքն իրեն։
 +
 +
Բայց բոլորովին այլ բան էր կատարվում Ագլայայի հետ։ Ամբողջ սկզբնական շինծուությունն ու փքունությունը, որով նա հանդես եկավ ընթերցելու, նա քողարկեց այնպիսի լրջությամբ և բանաստեղծական ստեղծագործության ոգու և իմաստի մեջ այնպիսի թափանցումով, այնքան իմաստալից էր արտասանում բանաստեղծության ամեն մի բառը, այնպիսի բարձրագույն պարզությամբ էր ասում դրանք, որ ընթերցման վերջում ոչ միայն գրավեց համընդհանուր ուշադրություն, այլև բալլադի վսեմ ոգին հաղորդելով, կարծես մասամբ արդարացրեց այն խիստ շինծու լրջությունը, որով նա այդպես հանդիսավոր ձևով դուրս եկավ պատշգամբի կենտրոնը։ Այդ լրջության մեջ այժմ կարելի էր տեսնել լոկ նրա անսահման հարգանքը ու թերևս նույնիսկ միամտությունը առ այն, ինչ նա հանձն էր առել հաղորդել։ Նրա աչքերը շողում էին և ոգեշնչման ու հիացմունքի թեթև, հազիվ նկատելի սարսուռը մի երկու անգամ անցավ նրա սքանչելի դեմքի վրայով։ Նա կարդաց.
 +
 +
<poem>
 +
Ապրում էր մի աղքատ ասպետ՝ 
 +
Վարքով պարզ ու հասարակ, 
 +
Մռայլադեմ ու միշտ գունատ, 
 +
Հողով արի ու շիտակ։ 
 +
 +
Տեսել էր նա օրվան մի օր 
 +
Մի սուրր տեսիլք անպատում, 
 +
Եվ տեսիլքն այդ անջինջ ու խոր 
 +
Հետք էր թողել իր սրտում։ 
 +
 +
Այդ օրվանից սերը սրտում, 
 +
Էլ չէր նայում նա կանանց, 
 +
Եվ ոչ մեկին իր ողջ կյանքում 
 +
Հրապուրել չջանաց։ 
 +
 +
Էլ չբացեց այդ օրվանից 
 +
Իր դիմկալը երկաթյա. 
 +
Եվ, շալի տեղ, նա իր վզից 
 +
Կախեց մի տերողորմյա։
 +
 +
Եվ ջերմ հույսով ու սիրով լի, 
 +
Իր վահանին հաղթապանծ 
 +
Գրեց Ave, mater Dei<ref>Ողջույն, աստվածամա՜յր (լատ.)։</ref>, 
 +
Գրեց արյամբ իր թափած։ 
 +
 +
Եվ երբ հեռու Պաղեստինում,
 +
Թշնամու դեմ նետվելիս,
 +
Ամեն ասպետ իր պաշտելի 
 +
Տիկնոջ անունն էր տալիս,— 
 +
 +
Lumen coeli, sancta Rosa!<ref>Լո՜ւյս երկնային, սո՜ւրբ Ռոզա (լատ.)։</ref> 
 +
Գոչում էր նա սաստկաձայն, 
 +
Եվ մուսուլման զորքն ահաբեկ 
 +
Ետ էր փախչում ցիրուցան։ 
 +
 +
Եվ երբ դարձավ դղյակն իր լուռ՝ 
 +
Էլ չերևաց ոչ ոքի, 
 +
Միշտ սիրահար ու միշտ տխուր՝ 
 +
Մեռավ առանց աղոթքի։
 +
</poem>
 +
 +
Հետագայում մտաբերելով այդ ամբողջ րոպեն, իշխանը երկար ժամանակ արտակարգ շփոթմունքի մեջ տանջվում էր իր համար անլուծելի մի հարցից․ ինչպե՞ս կարելի էր միացնել այդպիսի ճշմարիտ, սքանչելի զդացմունքը այդպիսի բացահայտ ու չարամիտ ծաղրի հետ։ Որ ծաղր կար, դրանում նա չէր կասկածում, նա պարզ հասկացավ այդ և դրա համար պատճառներ ուներ․ ընթերցման ժամանակ Ագլայան իրեն թույլ տվեց Ave, mater Dei—ն փոխարինել _Բ. Ն. Ֆիլի_ տառերով։ Որ այստեղ սխալ չկար և ինքը սխալ չէր լսել, դրանում կասկածել չէր կարող (հետագայում դա ապացուցվեց)։ Համենայն դեպս Ագլայայի արարքը, որ, իհարկե, կատակ էր, թեև շատ կոպիտ ու թեթևամիտ կատակ,— կանխամտածված էր։ «Աղքատ ասպետի» մասին բոլորը խոսում (և «ծիծաղում») էին դեռ մոտ մի ամիս առաջ։ Մինչդեռ ինչքան էլ հետո միտն էր բերում իշխանը, դուրս էր գալիս, որ Ագլայան այդ տառերն արտասանեց ոչ միայն առանց որևէ կատակի արտահայտության կամ որևէ ծաղրի, կամ նույնիսկ առանը որևէ ձևով շեշտելու այդ տառերը, որպեսզի ավելի ցայտուն ձևով մատնի դրանց թաքուն իմաստը, այլ, ընդհակառակը, այնպիսի անփոփոխ լրջությամբ, այնպիսի անմեղ ու միամիտ պարզությամբ, որ կարելի էր կարծել, թե հենց այդ տառերն էին բալլադում և որ գրքում այդպես էր տպված։ Ինչ֊որ ծանր ու անախորժ բան կարծես խոցեց իշխանին։ Լիզավետա Պրոկոֆևնան, իհարկե, չհասկացավ ու չնկատեց ոչ տառերի փոփոխությունը, ոչ ակնարկը։ Գեներալ Իվան Ֆյոդորովիչն այնքանը հասկացավ, որ բանաստեղծություն էին արտասանում։ Մնացած ունկնդիրներից շատ շատերը հասկացան և զարմացան թե՛ արարքի համարձակությանը, թե՛ մտադրությանը, բայց լռեցին ու աշխատում էին ցույց չտալ։ Բայց Եվգենի Պավլովիչը (իշխանը նույնիսկ պատրաստ էր գրազ գալ) ոչ միայն հասկացավ, այլ նույնիսկ աշխատում էր ցույց տալ, որ հասկացել է, նա չափազանց ծաղրալի ժպտաց։
 +
 +
— Ի՜նչ հիանալի բան է,— բացականչեց գեներալի կինը իսկական արբեցմամբ, հենց որ ընթերցումն ավարտվեց,— ո՞ւմ բանաստեղծությունն է։
 +
 +
— Պուշկինի, maman, մի ամաչեցրեք մեզ, դա ամոթ է,— բացականչեց Ադելաիդան։
 +
 +
— Էհ, ձեզ հետ մարդ դեռ սրանից ավելի կհիմարանա,—դաշնորեն արձագանքեց Լիզավետա Պրոկոֆևնան։— Խայտառակությո՜ւն։ Հենց որ տուն գնանք, անմիջապես ինձ տվեք Պուշկինի այդ բանաստեղծությունը։
 +
 +
— Բայց կարծեմ մենք բոլորովին չունենք Պուշկին։
 +
 +
— Անհիշելի ժամանակներից,— ավելացրեց Ալեքսանդրան,— ինչ֊որ երկու քրքրված հատոր է ընկած այնտեղ։
 +
 +
— Անմիջապես քաղաք ուղարկել գնելու, Ֆյոդորին կամ Ալեքսեյին, առաջին գնացքով, ավելի լավ է Ալեքսեյին, Ագլայա, եկ այստեղ։ Համբուրիր ինձ, դու հիանալի կարդացիր, բայց եթե անկեղծ կարդացիր,— ավելացրեց նա դրեթե շշուկով,— ապա ես քեղ խղճում եմ. եթե դու նրան ծաղրելու համար կարդացիր, ապա քո զգացմունքներին հավանություն չեմ տալիս, այնպես որ բոլոր դեպքերում ավելի լավ կլիներ բոլորովին չկարդայիր։ Հասկանո՞ւմ ես։ Գնա, տիրուհիս, ես դեռ քեզ հետ կխոսեմ, իսկ մենք երկար նստեցինք այստեղ։
 +
 +
Այդ միջոցին իշխանը ողջունում էր գեներալ Իվան Ֆյոդորովիչին, իսկ գեներալը Եվգենի Պավլովիչ Ռոդոմսկուն ներկայացնում էր նրան։
 +
 +
— Ճանապարհին բռնեցի, նա հենց նոր էր գալիս գնացքով. իմացավ, որ այստեղ եմ գալիս և մերոնք բոլորն այստեղ են...
 +
 +
— Իմացա, որ դուք էլ այստեղ եք,— ընդմիջեց Եվգենի Պավլովիչը,— և քանի որ արդեն վաղուց և անպայման որոշել էի փնտրել ոչ միայն ձեր ծանոթությունը, այլև բարեկամությունը, ուստի չէի ուզում ժամանակ կորցնել։ Դուք անառո՞ղջ եք։ Ես հենց նոր իմացա...
 +
 +
— Բոլորովին առողջ եմ և շատ ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու, շատ եմ լսել և նույնիսկ խոսել ձեր մասին իշխան Շչ-ի հետ,— պատասխանեց Լև Նիկոլաևիչը, նրան պարզելով ձեռքը։
 +
 +
Փոխադարձ քաղաքավարություններն ասված էին, երկուսն էլ սեղմեցին միմյանց ձեռք և ուշադիր նայեցին իրար աչքերի մեջ։ Մի ակնթարթում խոսակցությունը դարձավ ընղհանուր։ Իշխանը նկատեց (իսկ նա հիմա ամեն ինչ նկատում էր արագ և ագահորեն, նույնիսկ, թերևս բոլորովին չեղած բաներ), որ Եվգենի Պավյովիչի քաղաքացիական զգեստը համընդհանուր և ինչ֊որ շատ ուժեղ զարմանք էր առաջացնում, այն աստիճան, որ նույնիսկ մնացած բոլոր տպավորությունները առժամանակ մոռացվեցին ու հարթվեցին։ Կարելի էր կարծել, որ զգեստի այդ փոփոխության մեջ ինչ-որ առանձնահատուկ կարևոր բան էր պարունակվում։ Ադելաիդան ու Ալեքսանդրան տարակուսանքով հարցուփորձ էին անում Եվգենի Պավչովիչին։ Իշխան Շչ-ն, նրա ազգականը՝ նույնիսկ մեծ անհանգստությամբ. գեներալը խոսում էր գրեթե հուզմունքով։ Միայն Ագլայան հետաքրքրությամբ, բայց միանգամայն հանգիստ մի րոպե նայեց Եվգենի Պավլովիչին, կարծես միայն ցանկանալով համեմատել, արդյոք զինվորակա՞ն, թե քաղաքացիական զգեստն է նրան ավելի սազում, բայց մի րոպե անց շուռ եկավ և արդեն այլևս չէր նայում նրան։ Լիզավետա Պրոկոֆևնան նույնպես չուզեց ոչ մի բանի մասին հարցնել, թեև, կարող է պատահել, նա էլ էր մի քիչ անհանգստանում։ Իշխանին թվաց, որ կարծես թե Եվգենի Պավլովիչը նրա համակրանքը չի վայելում։
 +
 +
— Զարմացրեց, շշմեցրեց,— պնդում էր Իվան Ֆյոդորովիչն ի պատասխան բոլոր հարցերի։— Ես հավատալ չէի ուզում, երբ դեռ քիչ առաջ նրան Պետերբուրդում հանդիպեցի։ Եվ ինչո՞ւ այդպես հանկարծակի, ահա խնդիրը։ Առաջին հերթին ինքն է բղավում, թե հարկավոր չէ սուր ճոճել։
 +
 +
Սկսված խոսակցություններից պարզվեց, որ Եվգենի Պավլովիչն այդ պաշտոնաթողության մասին ազդարարում էր արդեն շատ վաղուց, բայց ամեն անգամ խոսում էր այնքան ոչ լուրջ, որ նրան հավատալ չէր լինի։ Եվ լուրջ բաների մասին էլ նա միշտ խոսում էր այնպիսի կատակի ձևով, որ երբեք չէր կարելի հասկանալ նրան, մանավանդ եթե ինքը ուզենար, որ չհասկանային։
 +
 +
— Ես ախր ժամանակավոր, մի քանի ամսով, ամենաշատը մի տարի կլինեմ պաշտոնաթող,— ծիծաղում էր Ռոդոմսկին։
 +
 +
— Բայց ոչ մի կարիք չկա, համենայն դեպս, որքան գիտեմ ձեր գործերը,— դեռ շարունակ տաքանում էր գեներալը։
 +
 +
— Իսկ կալվածներս շրջե՞լը, ինքներդ էիք խորհուրդ տալիս. ըստ որում ես նաև արտասահման գնալ եմ ուզում...
 +
 +
Խոսակցությունը, սակայն, շուտով փոխվեց, բայց համենայն դեպս չափազանց առանձնահատուկ և դեռևս շարունակվող անհանգստությունը, իշխանի կարծիքով, որը հետևում էր դրան, չափից ավելի էր, և հավանաբար այստեղ ինչ֊որ առանձնահատուկ բան կար։
 +
 +
— Ուրեմն «աղքատ ասպետը» նորի՞ց բեմի վրա է,― հարցրեց Եվգենի Պավլովիչը, մոտենալով Ագլայային։
 +
 +
Ի զարմանս իշխանի, Ագլայան տարակուսանքով ու հարցական նայեց Ռոդոմսկուն, ասես ուզում էր նրան հասկացնել, որ իրենց մեջ խոսք անգամ չէր կարող լինել «աղքատ ասպետի» մասին և որ ինքը նույնիսկ չի հասկանում նրա հարցը։
 +
 +
― Բայց ուշ է, ուշ է հիմա Պուշկինի համար քաղաք ուղարկելը, ո՜ւշ է,— վիճում էր Կոլյան Լիզավետա Պրոկոֆևնայի հետ, ամբողջովին ուժասպառ լինելով,— երեք հազար անգամ ասում եմ ձեզ, ուշ է։
 +
 +
― Այո, իսկապես հիմա ուշ է քաղաք ուղարկելու համար,— այստեղ էլ մեջ մտավ Եվգենի Պավլովիչը, որքան կարելի է շուտ թողնելով Ագլայային,— կարծում եմ, որ կրպակներն էլ փակ են Պետերբուրգում, ժամը ինն է լինում,— հաստատեց նա, ժամացույցը հանելով։
 +
 +
— Այսքան սպասել եք, չեք որոնել, կարելի է մինչև վաղը համբերել,— վրա բերեց Ադելաիդան։
 +
 +
— Եվ վայելուչ էլ չէ,— ավելացրեց Կոլյան,— որ բարձըրաշխարհիկ մարդիկ այդքան հետաքրքրվեն գրականությամբ։ Հարցրեք Եվգենի Պավլիչին։ Շատ ավելի վայելուչ է կարմիր անիվավոր դեղին շարաբանով զբոսնելը։
 +
 +
— Դուք դարձյալ գրքից եք խոսում, Կոլյա,— նկատեց Ադելաիդան։
 +
 +
— Նա այլ կերպ չի խոսում, քան գրքերից,— վրա բերեց Եվգենի Պավլովիչը,— արտահայտվում է քննադատական տեսություններից ամբողջ ֆրազներ օգտագործելով։ Ես վաղուց բավականություն ունեմ գիտենալու Նիկոլայ Արդալիոնովիչի խոսակցության ձևը, բայց այս անգամ նա գրքից չի խոսում։ Նիկոլայ Արդալիոնովիչը բացահայտորեն ակնարկում է իմ կարմիր անիվներով դեղին շարաբանը։ Միայն թե ես դա արդեն փոխել եմ, դուք ուշացել եք։
 +
 +
Իշխանն ականջ էր դնում Ռոդոմսկու ասածներին... Նրան թվաց, որ վերջինս իրեն պահում է հիանալի, համեստ, ուրախ, և առանձապես դուր եկավ, որ նա այդպիսի կատարյալ հավասարությամբ և բարեկամաբար էր խոսում նրան կռվի առիթ տվող Կոլյայի հետ։
 +
 +
— Այդ ի՞նչ է,— դիմեց Լիզավետա Պրոկոֆևնան Վերային՝ Լեբեդևի աղջկան, որը կանգնել էր նրա առաջ, մեծ ծավալի, հրաշալի կազմած և գրեթե նոր մի քանի գիրք ձեռքին։
 +
 +
— Պուշկին,— ասաց Վերան։— Մեր Պուշկինը։ Հայրիկս պատվիրեց ձեզ հրամցնել։
 +
 +
— Ինչպե՞ս թե։ Ինչպե՞ս կարելի է,— զարմացավ Լիզավետա Պրոկոֆևնան։
 +
 +
— Ոչ իբրև նվեր, ոչ իբրև նվեր։ Չէի համարձակվի,— աղջկա ուսի հետևից դուրս նետվեց Լեբեդևը,— իր գնով։ Դա մեր սեփական, ընտանեկան, տոհմական Պուշկինն է, Աննենկովի հրատարակությունը, որը հիմա չի էլ կարելի ճարել, իր գնով։ Հրամցնում եմ երկյուղածությամբ, ցանկանալով վաճառել և դրանով հագուրդ տալ ձերդ գերազանցության գրական ազնվագույն զգացմունքների ազնիվ անհամբերությանը։
 +
 +
— Հա, որ ծախում ես, ուրեմն շնորհակալություն։ Ունեցածդ չես կորցնի. միայն թե, խնդրեմ, մի ծամածռվիր, եղբայր։ Լսել եմ քո մասին, դու, ասում են, շատ կարդացած ես. մի անգամ կզրուցենք. ի՞նքդ կբերես ինձ մոտ, թե ինչպես։
 +
 +
— Երկյուղածությամբ և... հարգանքո՜վ,— ծամածռվում էր արտասովոր գոհ Լեբեդևը, գրքերը խլելով աղջկա ձեռքից։
 +
 +
— Դե տես, որ չկորցնես, տար թեկուզև առանց հարգանքի, բայց միայն պայմանով,— ավելացրեց նա, ուշադիր զննելով նրան,— միայն մինչև շեմքը կթողնեմ, իսկ այսօր քեզ ընդունել մտադիր չեմ։ Աղջկանդ՝ Վերային, ուղարկիր թեկուզ այսօր, նա ինձ շատ դուր եկավ։
 +
 +
— Ինչո՞ւ նրանց մասին չեք ասում,— անհամբերությամբ հորը դիմեց Վերան,— ախր նրանք, եթե այդպես է, ինքները ներս կմտնեն. սկսել են աղմկել։ Լև Նիկոլաևիչ,— դարձավ նա իշխանին, որն արդեն վերցրել էր իր գլխարկը,— այնտեղ արդեն վաղուց ձեզ մոտ ինչ-որ մարդիկ են եկել, չորս հոգի, սպասում են մեր տանը և հայհոյում, բայց հայրիկս չի թողնում ձեզ մոտ։
 +
 +
— Ի՞նչ հյուրեր են,— հարցրեց իշխանը։
 +
 +
— Ասում են, գործով են եկել, միայն թե ախր այնպիսի մարդիկ են, որ եթե հիմա չթողնեք, նրանք ճանապարհին էլ կկանգնեցնեն։ Ավելի լավ է, Լև Նիկոլաևիչ, թողնեք, իսկ հետո արդեն հոգիներդ ազատեք նրանցից։ Այնտեղ նրանց Գավրիլա Արդալիոնովիչն ու Պտիցինը համոզում են, բայց նրանք չեն լսում։
 +
 +
— Պավլիշչևի որդին է։ Պավլիշչևի որդին է։ Չարժե, չարժե,— ձեռներն էր թափահարում Լեբեդևը։— Նրանց Լսել իսկ չարժե. և ամոթ է, որ նրանց համար ձեզ անհանգստացնեք, ամենապայծառափայլ իշխան։ Ահա՛։ Նրանք չարժեն դրան...
 +
 +
— Պավլիշչևի որդի՜ն։ Աստվա՜ծ իմ,— բացականչեց իշխանը արտակարգ հուզմունքով,— ես գիտեմ... բայց ես... ես այդ գործը հանձնարարել եմ Գավրիլա Արդալիոնովիչին։ Նոր Գավրիլա Արդալինովիչն ինձ ասում էր...
 +
 +
Բայց Գավրիլա Արդալիոնովիչն արդեն սենյակներից մտավ պատշգամբ, նրան հետևում էր Պտիցինը։ Ամենամոտիկ սենյակից լսվեց աղմուկ և գեներալ Իվոլգինի բարձր ձայնը, որ կարծես ուզում էր իր բղավոցով կտրել մի քանի ձայներ։ Կոլյան անմիջապես վազեց աղմուկի կողմը։
 +
 +
— Դա շատ հետաքրքիր է,— բարձրաձայն նկատեց Եվգենի Պավլովիչը։
 +
 +
«Նշանակում է, գործին ծանոթ է»,— մտածեց իշխանը։
 +
 +
— Ի՞նչ Պավլիշչևի տղա։ Եվ Պավյլիշչևի ի՞նչ տղա կարող է լինել,― տարակուսանքով հարցնում էր գեներալ Իվան Ֆյոդորովիչը, հետաքրքրությամբ դիտելով բոլոր դեմքերը և զարմացած նկատելով, որ այդ նոր պատմությունը միայն իրեն հայտնի չէ։
 +
 +
Հիրավի, հուզմունքն ու սպասումը ընդհանուր էր։ Իշխանը խորապես զարմացավ, որ նրա միանգամայն անձնական գործը արդեն կարողացել է այստեղ բոլորին այդպես հետաքրքրել։
 +
 +
— Շատ լավ կլինի, եթե հենց հիմա և ինքներդ վերջացնեք այս գործը,— ասաց Ագլայան, մի առանձնահատուկ լրջությամբ մոտենալով իշխանին,― իսկ մեզ բոլորիս թույլ տաք ձեր վկաները լինել։ Ձեզ ուզում են արատավորել, իշխան, դուք պետք է հանդիսավոր կերպով արդարացնեք ձեզ և ես վաղօրոք սաստիկ ուրախ եմ ձեզ համար։
 +
 +
— Ես էլ եմ ուզում, որ վերջապես վերջանա այդ զզվելի պահանջը,― գոչեց գեներալի կինը,— մի լավ հասցրու դրանց, իշխան, մի՛ խնայիր։ Այդ գործով ականջներս տարան, և ես շատ արյուն եմ պղտորել քո պատճառով։ Եվ հետաքրքիր է մտիկ անելը։ Կանչիր նրանց, իսկ մենք կնստենք, Ագլայան լավ մտածեց։ Դուք այդ մասին որևէ բան լսե՞լ եք, իշխան,— դարձավ նա իշխան Շչ֊ին։
 +
 +
— Իհարկե լսել եմ. հենց ձեր տանը։ Բայց հատկապես ուզում եմ տեսնել այդ երիտասարդներին,— պատասխանեց իշխան Շչ֊ն։
 +
 +
— Հենց դրա՞նք են որ կան նիհիլիստները, ինչ է։
 +
 +
— Ոչ, չի կարելի ասել, թե նրանք նիհիլիստներ են,― առաջ քայլեց Լեբեդևը, որը նույնպես համարյա դողում էր հուզմունքից,— սրանք ուրիշ են, առանձնահատուկ, քրոջս տղան ասում էր, որ սրանք նիհիլիստներից առաջ են անցել․ դուք զուր եք կարծում ձեր ներկայությամբ նրանց շփոթեցնել, ձերդ գերազանցություն, նրանք չեն շփոթվի։ Նիհիլիստները համենայն դեպս երբեմն բանիմաց մարդիկ են, նույնիսկ գիտուն, իսկ սրանք առաջ են անցել, որովհետև ամենից առաջ գործնական են։ Դա, իսկապես ասած, նիհիլիզմի որոշ հետևանք է, բայց ոչ ուղիղ ճանապարհով, այլ դեսից֊դենից իմացածով և ոչ թե որևէ ամսագրային հոդվածով են հանդես գալիս, այլ արդեն ուղղակի գործով. բանը, օրինակ, ոչ թե ինչ֊որ Պուշկինի անիմաստության մասին է, և ոչ թե, օրինակ, Ռուսաստանի մասնատման անհրաժեշտության մասին. ո֊ոչ, այլ հիմա ուղղակի իրավունք է համարվում, որ եթե մի բան շատ ես ուզում, ապա ոչ մի արգելքի առաջ կանգ մի առնի, թեկուզ այդ ժամանակ ստիպված լինես ութ հոգի սպանել։ Բայց, իշխան, այնուամենայնիվ ձեզ խորհուրդ չէի տա...
 +
 +
Բայց իշխանն արդեն գնում էր հյուրերի առաջ դուռը բացելու։
 +
 +
— Դուք զրպարտում եք, Լեբեդև,— ասաց նա ժպտալով,― ձեզ շատ է վշտացրել ձեր քրոջորդին։ Մի հավատացեք նրան, Լիզավետա Պրոկոֆևնա։ Հավատացնում եմ ձեզ, որ Գորսկիները և Դանիլովները միայն դեպքեր են, իսկ սրանք միայն... սխալվում են... Միայն թե ես չէի ուզենա այստեղ, բոլորի ներկայությամբ։ Ներեցեք, Լիզավետա Պրոկոֆևնա, նրանք կմտնեն, ես նրանց ձեզ ցույց կտամ, հետո կտանեմ։ Համեցեք, պարոնայք։
 +
 +
Իշխանին ավելի շուտ անհանգստացնում էր մի ուրիշ տանջալի միտք։ Նրա մտքովն անցնում էր, թե արդյոք այս գործը մեկնումեկը չի՞ սարքել հիմա, հատկապես այս ժամ ու ժամանակին, նախօրոք, հատկապես այս վկաների մոտ և, գուցե, սպասելիք խայտառակության և ոչ թե նրա հաղթանակի համար։ Բայց նա չափազանց տխուր էր իր «հրեշավոր ու չար կասկածամտության» համար։ Նա կմեռներ, երևի, եթե որևէ մեկն իմանար, որ նրա մտքով այդպիսի բաներ են անցնում, և այն րոպեին, երբ ներս մտան նոր հյուրերը, նա պատրաստ էր բարոյական տեսակետից իրեն համարել բոլոր իր շուրջը գտնվողներից վերջիններից վերջինը։
 +
 +
Ներս մտան հինգ հոգի, չորս հոգի նոր հյուրերը և հինգերորդը նրանց հետևից՝ գեներալ Իվոլգինը, բորբոքված, հուզված և պերճախոսության սաստիկ նոպայով բռնված։ «Այս մեկը որ անպայման իմ կողմը կլինի»,— ժպտալով մտածեց իշխանը։ Կոլյան սողոսկեց բոլորի հետ. նա տաք-տաք խոսում էր Իպոլիտի հետ, որը այցելուների թվում էր. Իպոլիտը լսում էր և քմծիծաղ տալիս։
 +
 +
Իշխանը հյուրերին նստեցրեց։ Նրանք բոլորը այնքան ջահել, նույնիսկ այնքան անչափահաս մարդիկ էին, որ կարելի էր զարմանալ թե դեպքից, թե դրա առիթով տեղի ունեցած ամբողջ ձևականությունից։ Իվան Ֆյոդորովիչ Եպանչինն, օրինակ, որ ոչինչ չգիտեր և ոչինչ չէր հասկանում այս «նոր գործից», նույնիսկ զայրացավ, տեսնելով այդքան ջահելների, և հավանաբար որևէ ձևով կբողոքեր, եթե նրան չկասեցներ կնոջ՝ իր համար տարօրինակ եռանդը իշխանի մասնավոր շահերի հարցում։ Նա, ասենք, այդտեղ մնաց մասամբ հետաքրքրությունից, մասամբ բարեսրտությունից, հուսալով նույնիսկ օգնել և, համենայն դեպս, պետք գալ իր հեղինակությամբ. բայց ներս մտած գեներալ Իվոլգինի՝ հեռվից նրան ուղղած ողջույնը նրան նորից զայրացրեց, նա խոժոռվեց ու որոշեց համառորեն լռել։
 +
 +
Չորս ջահել այցելուների մեջ մեկը, սակայն, մոտ երեսուն տարեկան էր, «ռոգոժինյան խմբի պաշտոնաթող պորուչիկ, բռնցքամարտիկ, որը խնդրարկուներին մի ժամանակ ինքն էր տալիս տասնհինգական ռուբլի»։ Հասկացվում էր, որ նա մնացածներին ուղեկցում էր խումբ կազմած լինելու համար, որպես անկեղծ բարեկամ և, եթե հարկ լինի, նրանց օժանդակելու համար։ Իսկ մնացածների մեջ առաջին տեղը և առաջին դերը գրավում էր նա, որին վերագրվում էր «Պավլիշչևի որդին» անունը, թեև նա իրեն ներկայացրեց որպես Անտիպ Բուրդովսկի։ Դա աղքատ ու փնթի հագնված մի երիտասարդ էր, թևքերը կեղտից հայելու փայլ ստացած սերթուկով, ճարպոտ, մինչև վերևը կոճկած ժիլետով, չգիտես ուր անհայտացած սպիտակեղենով, անասելի յուղոտած և հանգույց արած սև մետաքսե շարֆով, չլվացած ձեռքերով, խիստ պզուկավոր դեմքով, խարտյաշ մազերով և, եթե կարելի է այսպես արտահայտվել, անմեղ֊լրբենի հայացքով։ Նա ցածրահասակ չէր, նիհարավուն էր, մոտ քսաներկու տարեկան։ Նրա դեմքին չէր արտահայտվում ամենափոքր իսկ իրոնիա, ամենափոքր իսկ խորհրդածություն. ընդհակառակը, նկատվում էր լիակատար, բութ արբեցում սեփական իրավունքով և միաժամանակ շարունակ վիրավորված լինելու և այդպես զգալու տարօրինակության հասնող մշտական պահանջի նման մի բան։ Սա խոսում էր հուզված, շտապելով ու կապ ընկնելով, կարծես լրիվ չարտասանելով բառերը, ասես թլվատ լիներ կամ նույնիսկ օտարերկրացի, չնայած, ի դեպ, որ միանգամայն ռուսական ծագում ուներ։
 +
 +
Նրան ուղեկցում էր, նախ, ընթերցողին հայտնի՝ Լեբեդևի քրոջորդին, և երկրորդ, Իպոլիտը։ Իպոլիտը շատ ջահել տղա էր, մոտ տասնյոթ, գուցե և տասնութ տարեկան, դեմքի խելացի, բայց շարունակ գրգռված արտահայտությամբ, որի վրա հիվանդությունը սարսափելի հետքեր էր թողել։ Նա կմախքի պես նիհար էր, դալկադեղին, աչքերը պսպղում էին և այտերի վրա վառվում էր երկու կարմիր բիծ։ Նա անընդհատ հազում էր. նրա յուրաքանչյուր բառը, գրեթե յուրաքանչյուր շնչառությունն ուղեկցվում էր խռխռոցով։ Երևում էր խիստ բարդության հասած թոքախտը։ Թվում էր, թե նրան երկու֊երեք շաբաթից ավելի չի մնացել ապրելու։ Նա շատ էր հոգնել և բոլորից առաջ նստեց աթոռին։ Մյուսները մի քիչ ձևականություն արեցին ներս մտնելիս և համարյա շփոթվեցին, սակայն լուրջ տեսք ունեին և ըստ երևույթին վախենում էին որևէ ձևով իրենց արժանապատվությունը գցելուց, որը տարօրինակ կերպով չէր ներդաշնակում այն համբավին, որ նրանք ունեին, որպես ամեն տեսակի դատարկ րարձրաշխարհիկ մանրուքները, նախապաշարմունքները, սեփական շահերից բացի, աշխարհում համարյա ամեն ինչ ժխտող մարդիկ։
 +
 +
— Անտիպ Բուրդովսկի,— աճապարանքով ու կմկմալով, ազդարարեց «Պավլիշչևի որդին»։
 +
 +
— Վլադիմիր Դոկտորենկո,― պարզ, որոշակի և նույնիսկ մի տեսակ պարծենալով, որ ինքը Դոկտորենկո է, ներկայացավ Լեբեդևի քրոջորդին։
 +
 +
— Կելլեր,― մրթմրթաց պաշտոնաթող պորուչիկը։
 +
 +
— Իպոլիտ Տերենտև,— անսպասելի ճղճղան ձայնով ծղրտաց վերջինը։ Բոլորը, վերջապես, մի շարքի վրա նստեցին աթոռներին, իշխանի դիմաց, բոլորը, ներկայանալով, անմիջապես խոժոռվեցին և սրտապնդվելու համար մի ձեռքից մյուսն առան իրենց գլխարկները, բոլորը պատրաստվեցին խոսելու, և սակայն, բոլորը լուռ էին, ինչ֊որ բանի սպասելով մարտահրավերի արտահայտությամբ, որի մեջ պարզ կարդացվում էր․ «Չէ՜, եղբայր, չես խաբի»։ Զգացվում էր, որ հերիք էր մեկնումեկը սկզբի համար միայն մի՝ առաջին բառն արտասաներ, անմիջապես նրանք բոլորը միասին կսկսեին խոսել, իրարից առաջ անցնելով ու իրար ընդհատելով։
 +
 +
=== VIII ===
 +
 +
— Պարոնայք, ես ձեզնից ոչ մեկին չէի սպասում,— սկսեց իշխանը,— ես ինքս մինչև այսօր հիվանդ էի, իսկ ձեր գործը (դարձավ նա Անտիպ Բուրդովսկուն) դեռ մի ամիս առաջ հանձնարարել եմ Գավրիլա Արդալիոնովիչ Իվոլգինին, որի մասին հենց այն ժամանակ ձեզ տեղեկացրի։ Ասենք, ես չեմ խուսափում անձնական բացատրությունից, միայն համաձայնեցեք, այս ժամին... ես առաջարկում եմ ինձ հետ գնալ մյուս սենյակը, եթե երկար չի տևի... հիմա իմ բարեկամներն այստեղ են և հավատացեք․․․
 +
 +
— Բարեկամները... ինչքան կամենաք, սակայն թույլ տվեք,— ընդմիջեց հանկարծ խիստ խրատական եղանակով, թեև դեռ այնքան էլ ձայնը չբարձրացնելով, Լեբեդեի քրոջորդին,― ուրեմն թույլ տվեք և մեզ հայտարարելու, որ դուք կարող էիք մեզ հետ ավելի քաղաքավարի վարվել, և ոչ թե հարկադրել, որ երկու ժամ սպասենք ձեր ծառայանոցում...
 +
 +
— Եվ, իհարկե... ես էլ․․․ և դա իշխանավարի՜ է։ Եվ այդ... ուրեմն դուք եք, գեներա՜լ։ Եվ ես ձեզ համար լակեյ չե՛մ։ Եվ ես, ես...— հանկարծ արտասովոր հուզմունքով սկսեց մրթմրթալ Անտիպ Բուրդովսկին, դողացող շրթունքներով, վիրավորանքից դողացող ձայնով, բերանից դուրս թռչող ցայտերով, կարծես ամբողջովին պայթել էր կամ պատռվել, բայց հանկարծ այնպես շտապեց, որ նրա տասը խոսքից հետո արդեն ոչինչ չէր կարելի հասկանալ։
 +
 +
— Դա իշխանավարի՜ էր,— թղավեց ճղճղան, ճաքած ձայնով Իպոլիտը։
 +
 +
— Եթե դա ինձ պատահած լիներ,— փնթփնթաց բռնցքամարտիկը,— այսինքն, եթե դա ուղղակի ինձ վերաբերվեր, ինչպես ազնիվ մարդու, ապա ես Բուրդովսկու տեղը լինեի... Ես...
 +
 +
— Պարոնայք, ես ընդամենը մի րոպե առաջ իմացա, որ դուք այստեղ եք, աստված վկա,— նորից կրկնեց իշխանը։
 +
 +
— Մենք չենք վախենում, իշխան, ձեր բարեկամներից, ով էլ որ լինեն դրանք, որովհետև մենք մեր իրավունքի տերն ենք,— նորից հայտարարեց Լեբեդևի քրոջորդին։
 +
 +
— Սակայն, թույլ տվեք ձեզ հարցնել, ի՞նչ իրավունք ունեիք,— նորից ճղճղաց Իպոլիտը, բայց արդեն չափազանց տաքանալով,— Բուրդովսկու գործը ներկայացնել ձեր բարեկամների դատին։ Մենք, գուցե, չենք էլ ցանկանում ձեր բարեկամների դատը. շատ լավ հասկանալի է, թե ինչ կարող է նշանակել ձեր բարեկամների դատը․․․
 +
 +
— Բայց, վերջապես, պարոն Բուրդովսկի, եթե չեք ուզում այստեղ խոսել,— ի վերջո հաջողեցրեց հարել իշխանը, որը սաստիկ զարմացած էր այսպիսի սկզբնավորությունից,— ապա, ձեզ ասում եմ, հենց հիմա գնանք մյուս սենյակը, իսկ ձեր բոլորի մասին, կրկնում եմ, հենց միայն այս րոպեիս իմացա...
 +
 +
— Բայց իրավունք չունե՜ք, իրավունք չունե՜ք, իրավունք չունե՜ք... ձեր բարեկամներին... ահա՛...— հանկարծ նորից սկսեց թոթովել Բուրդովսկին, տարօրինակ վախվորած նայելով շուրջը և առավել ևս տաքանալով, որքան ավելի չէր վստահում ու խրտնում էր,― դուք իրավունք չունեք,— և, այդ ասելով, կտրուկ կանգ առավ, ասես դանակով կտրեց, և անխոս լռելով կարճատես, խիստ ուռուցիկ, կարմիր հաստ երակներով աչքերը, ամբողջ իրանը առաջ թեքած, հարցական հայացքը հառեց իշխանի վրա։ Այս անգամ իշխանն այն աստիճան զարմացավ, որ ինքն էլ լռեց և նույնպես նայում էր նրան աչքերը չռած և առանց մի խոսք արտասանելու։
 +
 +
— Լև Նիկոլաևիչ,— կանչեց հանկարծ Լիզավետա Պրոկոֆևնան,— ահա կարդա սա հիմա, հենց այս րոպեիս, սա ուղղակի քո գործին է վերաբերվում։
 +
 +
Նա հապճեպ իշխանին պարզեց մի երգիծական շաբաթաթերթ և մատով ցույց տվեց հոդվածը։ Երբ դեռ հյուրերը ներս էին գալիս, Լեբեդևը կողքից մոտ թռավ Լիզավետա Պրոկոֆևնային, որի ողորմածությանը ծառայում էր, և, առանց մի խոսք ասելու, կողքի գրպանից հանելով այդ թերթը՝ ուղղակի նրա աչքի առաջ խոթեց, տալով ընդգծված սյունակը։ Այն, ինչ արդեն հասցրել էր կարդալ Լիզավետա Պրոկոֆևնան, խիստ զարմացրել ու հուզել էր նրան։
 +
 +
— Բայց արդյոք ավելի լավ չի՞ լինի բարձրաձայն չկարդամ,— թոթովեց իշխանը շատ շփոթված— ես մենակ կկարդայի․․․ հետո․․․
 +
 +
— Ավելի լավ է դու կարդաս, կարդա հիմա, բարձրաձայն։ Բարձրաձայն,― դարձավ Լիզավետա Պրոկոֆևնան Կոլյային, անհամբերությամբ կորզելով իշխանի ձեռքից թերթը, որին նա հազիվ էր ձեռքը կպցրել,— բոլորի համար բարձրաձայն, որպեսզի բոլորին լսելի լինի։
 +
 +
Լիզավետա Պրոկոֆևնան տաքարյուն և հրապուրվող տիկին էր, այնպես որ հանկարծ ու միանգամից, առանց երկար մտածելու, երբեմն բարձրացնում էր բոլոր խարիսխները և մտնում էր բաց ծով, ուշք չդարձնելով եղանակին։ Իվան Ֆյոդորովիչն անհանգիստ շարժվեց։ Բայց մինչ բոլորը առաջին րոպեին ակամա կանգ առան և տարակուսած սպասում էին, Կոլյան բացեց թերթը և սկսեց բարձրաձայն կարդալ այնտեղից, որտեղից ցույց տվեց նրան մոտ թռած Լեբեդևը։
 +
 +
«''Պրոլետարներն ու շառավիղները, միջադեպ ցերեկային և ամենօրյա կողոպուտների՜ց։ Առաջադիմությո՜ւն։ Բարեփոխությո՜ւն։ Արդարությո՜ւն''»։
 +
 +
Տարօրինակ բաներ են պատահում մեր այսպես ասած սրբազան Ռուսիայում, բարեփոխությունների և ընկերովի նախաձեռնության մեր դարում, ազգայնության և ամեն տարի արտասահման արտահանվող հարյուր միլիոնների դարում, արդյունաբերության խրախուսման և բանվորական ձեռքերի կաթվածահարման դարում և այլն, և այլն, ամեն ինչ թվել չի լինի, պարոնայք, ուստի ուղղակի գործի անցնենք։ Տարօրինակ անեկդոտ պատահեց մեր անհետացած կալվածատիրական ազնվականների (de profundis!) շառավիղներից մեկին, ասենք, այն շառավիղներից, որոնց դեռ պապերը վերջնականապես տանուլ էին տվել բախտախաղում, հայրերը հարկադրված էին ծառայել, որպես յունկերներ ու պորուչիկներ և սովորաբար մեռնում էին դատի տակ պետական գումարի մի որևէ անմեղ հաշվեսխալի համար, իսկ սրանց զավակները, մեր պատմության հերոսի պես, կամ մեծանում են որպես ապուշներ, կամ նույնիսկ բռնվում են քրեական գործերում, որի համար, սակայն, խրատի և ուղղելու նկատառումով, երդվյալներն արդարացնում են. և կամ, վերջապես, վերջացնում են նրանով, որ բերանից թռցնում են մեկն այն անեկդոտներից, որոնք զարմացնում են հասարակությանը և խայտառակում առանց այն էլ արդեն բավականաչափ ամոթալի մեր Ժամանակը։ Մեր շառավիղը մոտ կես տարի աոաջ արտասահմանյան ձևով ոտներին շտիբլետներ հագած և ոչնչով չաստառած խղճուկ վերարկուի մեջ դողդողալով ձմեռը Ռուսաստան վերադարձավ Շվեյցարիայից, որտեղ բուժվում էր ապուշությունից (sic!): Պետք է խոստովանել, որ ուղղակի նրա բախտը բանում էր, այնպես որ նա, չխոսելով արդեն նրա հետաքրքիր հիվանդության մասին, որից բուժվում էր Շվեյցարիայում (դե մի թե կարելի է ապուշությունից բուժվել, պատկերացրե՜ք), իրենով կարող էր ապացուցել ռուսական առածի ճշմարտությունը՝ «Որոշ կարգի մարդկանց բախտը բանում է»։ Ինքներդ դատեցեք, դեռ ծծկեր հասակում մնալով հոր մահից հետո, որն ասում են պորուչիկ էր և մեռել էր դատի տակ, թղթախաղում վաշտի ամբողջ գումարի հանկարծակի անհայտացման համար, կամ գուցե նաև ստորադրյալին չափից ավելի ճիպոտահար անելու համար (հիշո՜ւմ եք հին ժամանակը, պարոնայք), մեր բարոնին ողորմածաբար դաստիարակության է վերցնում մի շատ հարուստ ռուս կալվածատեր։ Այդ ռուս կալվածատերը,— նրան կոչենք թեկուզ Պ.,— առաջվա ոսկի ժամանակներում չորս հազար ճորտ հոգիների տեր (ճորտ հոգինե՜ր, արդյոք դուք հասկանո՞ւմ եք այսպիսի արտահայտությունը, պարոնայք։ Ես չեմ հասկանում։ Պետք է ստուգել բացատրական բառարանով «թարմ է ավանդությունը, բայց դժվարությամբ ես հավատում»), ըստ երևույթին մեկն էր այն ռուս անբաններից ու ձրիակերներից, որոնք իրենց պարապ կյանքն անց էին կացնում արտասահմանում, ամառը հանքային ջրերում, իսկ ձմեռը՝ փարիզյան Շատո֊դե֊Ֆլյորում, որտեղ և իրենց կյանքի ընթացքում թողել են անհաշիվ գումարներ։ Կարելի էր հաստատ ասել, որ առաջվա կալվածատիրական ամբողջ ունեցվածքի բահրայի առնվաղն մեկ երրորդը ստանում էր փարիզյան Շատո-դե֊Ֆլյորի տերը (ա՜յ թե երջանիկ մարդ էր)։ Ինչ էլ լիներ, բայց անհոգ Պ․-ն որբուկ-աղայիկին դաստիարակեց իշխանավայել, նրա համար վարձում էր տնային դաստիարակներ ու դաստիարակչուհիներ (անկասկած, լավիկներին), որոնց, ի դեպ, ինքն էր բերում Փարիզից։ Բայց տոհմի վերջին ազնվական շառավիղը ապուշ էր։ Շատո֊դե֊Ֆլյորյան դաստիարակչուհիները չօգնեցին, և մինչև քսան տարեկան հասակը մեր սանը նույնիսկ խոսել չսովորեց ոչ մի լեզվով, չբացառած նաև ռուսերենը։ Վերջինս, սակայն, ներելի է։ Վերջապես Պ.-ի ռուսական ճորտատիրական գլուխը մի ֆանտազիա է մտնում, թե ապուշին կարելի է խելք սովորեցնել Շվեյցարիայում,— տրամաբանական ֆանտազիա. ձրիակերն ու պրոպրիետերը բնականաբար կարող էր երևակայել, որ փողով նույնիսկ խելք կարելի է գնել շուկայից, մանավանդ Շվեյցարիայում։ Անցավ բուժման հինգ տարին Շվեյցարիայում ինչ-որ հայտնի պրոֆեսորի մոտ, և հազարներով փող ծախսվեց, ապուշը, հասկանալի է, խելոք չդարձավ, բայց, ասում են, մարդու տեսք ստացավ, անկասկած, կիսատ-պռատ։ Հանկարծ Պ.֊ն անակնկալ մեռնում է։ Հասկանալի է, ոչ մի կտակ, սովորականի պես գործերն անկարգ վիճակում են, ագահ ժառանգներն անթիվ, որոնք արդեն բոլորովին չեն հետաքրքրվում տոհմի վերջին շառավիղներով, որոնց ողորմածաբար բուժում են Շվեյցարիայում տոհմական ապուշությունից։ Շառավիղը, թեպետև ապուշ, համենայն դեպս փորձել է խաբել իր պրոֆեսորին և երկու տարի, ասում են, կարողացել է նրա մոտ ձրի բուժվել, նրանից թաքցնելով իր բարերարի մահը։ Բայց պրոֆեսորն ինքը կարգին շառլատան էր, վերջապես վախենալով փողազրկությունից, իսկ ամենից ավելի իր քսանհինգամյա ձրիակերի ախորժակից, նա նրան հագցնում է իր հին շտիբլետները, նվիրում է իր քրքրված խղճուկ վերարկուն և ողորմածությունից մղված, երրորդ կարգի գնացքով նրան Շվեյցարիայից հանապարհ դնում nach Russland, բեռն ուսերից գլորելով։ Թվում է, բախտը քամակն է շուռ տալիս մեր հերոսին։ Բայց այդպես չէր. ֆորտունան, որ սովից մեռցնում է ամբողջ նահանգներ, բոլոր շնորհները միանգամից թափում է արիստոկրատիկի գլխին, ինչպես կռիլովյան ''Ամպը'', որը անցնում է տոչորված դաշտի վրայով և թափվում օվկիանոսը։ Գրեթե այն նույն ակնթարթին, որ նա Շվեյցարիայից հայտնվում է Պետերբուրդում, Մոսկվայում մեռնում է նրա մոր ազգականներից մեկը (մայրը, հասկանալի է, վաճառականուհիներից էր), ծեր, անզավակ չորագլուխ, վաճառական, մորուքավոր ու աղանդավոր, և մի քանի միլիոն անվիճելի, կլոր, մաքուր, առձեռն ժառանգություն է թողնում և (ա՜յ թե ինձ ու ձեզ թողած լիներ, ընթերըող) այդ բոլորը մեր շառավիղին, այդ բոլորը Շվեյցարիայում ապուշությունից բուժվող մեր բարոնին։ Դե, այստեղ արդեն ուրիշ երաժշտություն է սկսվում։ Մեր շտիբլետավոր բարոնի շուրջը, որը սկսել էր մի հայտնի գեղեցկուհի պահանույշի հետևից ընկնել, հանկարծ հավաքվեց ընկերների ու բարեկամների մի ամբողջ ամբոխ, գտնվեցին նույնիսկ ազգականներ, իսկ ամենից ավելի ազնվազարմ օրիորդների ամբողջ ամբոխներ, որոնք փափագում ու տենչում էին օրինավոր ամուսնության, և ի՜նչը կարող էր ավելի լավ լինել․ արիստոկրատ է, միլիոնատեր, ապուշ, բոլոր հատկությունները միանգամից, այդպիսի ամուսին ճրագով էլ փնտրես, չես գտնի, պատվերով էլ չես սարքի․․․»։
 +
 +
— Այդ․․․ այդ արդեն չեմ հասկանում,— գոչեց Իվան Ֆյոդորովիչը, վերին աստիճանի զայրույթով։
 +
 +
― Վե՛րջ տվեք, Կոլյա,— գոչեց իշխանը աղերսող ձայնով։ Ամեն կողմից բացականչություններ լսվեցին։
 +
 +
— Կարդա՛լ։ Կարդա՛լ ինչ գնով ուզում է լինի,— կտրուկ ասաց Լիզավետա Պրոկոֆևնան, ըստ երևույթին արտակարգ ճիգով զսպելով ինքն իրեն։— Իշխան, եթե ընթերցումը դադարեցնեն, մենք կգժտվենք։
 +
 +
Ճար չկար, Կոլյան բորբոքված, կարմրած, հուզումնալի, հուզված ձայնով շարունակեց ընթերցումը։
 +
 +
«Բայց մինչ մեր վաղահաս միլիոնատերը գտնվում էր, այսպես ասած, յոթերորդ երկնքում, տեղի ունեցավ մի բոլորովին կողմնակի հանգամանք։ Մի գեղեցիկ առավոտ նրան է ներկայանում մի այցելու, հանդարտ ու խիստ դեմքով, քաղաքավարությամբ, բայց արժանավոր ու արդարացի լեզվով, հագնված համեստ ու ազնվաշուք, մտքի նկատելի առաջադիմական երանգով, և երկու խոսքով բացատրում է իր այցելության պատճառը․ նա հայտնի փաստաբան է. նրան մի երիտասարդ մի գործ է հանձնարարել, նա ներկայանում է երիտասարդի անունից։ Այդ երիտասարդը ոչ այլ ոք է, քան հանգուցյալ Պ.-ի որդին, թեև ուրիշ անուն է կրում։ Հեշտասեր Պ․-ն երիտասարդ ժամանակ գայթակղեցնելով սպասավորների թվին պատկանող, բայց եվրոպական ձևով դաստիարակված մի ազնիվ, խեղճ աղջկա (ըստ որում, հասկանալի է, այստեղ խառն են եղել անցած ճորտատիրական վիճակի բարոնական իրավունքները), և նկատելով իր կապի անխուսափելի, բայց մերձավոր հետևանքը, նրան շուտով մարդու է տալիս արհեստադործությամբ զբաղվող, նույնիսկ ծառայող, ազնիվ բնավորությամբ մեկին, որը վաղուց արդեն սիրում էր այդ աղջկան։ Սկզբում Պ.֊ն օգնում էր նորապսակներին, բայց շուտով այդ աղջկա ամուսնու ազնիվ բնավորությամբ Պ․-ին մերժվեց նրանից օգնություն ընդունելը։ Անցավ որոշ ժամանակ, և Պ.֊ն քիչ֊քիչ մոռացավ թե աղջկա, թե նրանից ունեցած իր որդու մասին, իսկ հետո էլ մեռավ, ինչպես հայտնի է, առանց կարգադրությունների։ Այդ միջոցին նրա որդին, ծնված արդեն օրինական ամուսնությունից, որը, սակայն, մեծանում էր ուրիշ ազգանուն կրելով և լիովին որդեգրված էր իր մոր ամուսնու ազնիվ բնավորությամբ, որը, այնուամենայնիվ, իր ժամանակ մեռել էր, այդ որդին մնացել էր բացարձակապես միայն ու միայն իր միջոցներով և հեռավոր նահանգներից մեկում հիվանդոտ, տառապող, ոտներից զրկված մոր հոգսով, իսկ ինքը մայրաքաղաքում փող էր վաստակում ամենօրյա ազնիվ աշխատանքով՝ վաճառականների տներում ավանդած դասերով և դրանով պահում էր իրեն նախ գիմնազիայում, հետո իրեն օգտակար դասախոսությունների ունկնդիր եղած ժամանակ, նկատի ունենալով մի հետագա նպատակ։ Բայց շա՞տ փող կստանաս ռուս վաճառականից տասը կոպեկանոց դասերով, այն էլ հիվանդոտ, ոտներից զրկված մայրը հետդ, որը, վերջապես, հեռավոր նահանգում իր մահով էլ համարյա բոլորովին չթեթևացրեց որդուն։ Հիմա մի հարց, ըստ արդարության ինչպե՞ս պիտի դատեր մեր շառավիղը։ Դուք, իհարկե, կարծում եք, ընթերցող, որ նա իրեն այսպես ասաց. «Ես ամբողջ կյանքումս օգտվել եմ Պ.-ի շնորհներից, իմ դաստիարակության, իմ դաստիարակչուհիների և ապուշությունից բուժվելու վրա տասնյակ հազարներ են գնացել Շվեյցարիա. և ահա հիմա ես միլիոններ ունեմ, իսկ Պ.-ի որդու ազնիվ բնավորությունը, որը ոչնչով մեղավոր չէ իր թեթևամիտ ու նրան մոռացած հոր զանցանքներում, կործանվում է դասեր տալով։ Այն ամենը, ինչ ծախսվել է ինձ վրա, ըստ արդարության պետք է նրա վրա ծախսվեր։ Ինձ վրա ծախսված այս հսկայական գումարներն ըստ էության իմը չեն։ Դա միայն բախտի կույր սխալմունք էր․ դրանք հասնում էին Պ.-ի որդուն։ Նրա վրա պետք է գործադրվեին և ոչ թե իմ՝ թեթևամիտ ու մոռացկոտ Պ․֊ի ֆանտաստիկ քմահաճույքի արգասիքի վրա։ Եթե ես լիովին ազնիվ, քաղաքավարի, արդարացի լինեի, ապա պետք է որ նրա որդուն տայի իմ ամբողջ ժառանգության կեսը, բայց քանի որ ես ամենից առաջ հաշվենկատ մարդ եմ և շատ լավ եմ հասկանում, որ դա իրավաբանական գործ չէ, ապա իմ միլիոնների կեսը չեմ տա։ Բայց առնվազն արդեն շատ ստոր ու անամոթ (շառավիղը մոռացել է, որ նաև անշրջահայաց) բան կլինի իմ կողմից, եթե ես հիմա չվերադարձնեմ նրա որդուն այն տասնյակ հազարները, որոնք Պ.֊ն ծախսել է իմ ապշության վրա։ Այս է միայն խիղճն ու արդարությունը։ Որովհետև ի՞նչ կլիներ իմ վիճակը, եթե Պ․-ն ինձ չվերցներ դաստիարակության, իսկ իմ փոխարեն հոգ տաներ իր որդու մասին»։
 +
 +
Բայց ոչ, պարոնայք, մեր շառավիղները այդպես չեն դատում։ Ինչպես էլ նրան ներկայացնում էր երիտասարդի փաստաբանը, որը հանձն էր առել հոգ տանել նրա շահերի մասին, լոկ բարեկամական զգացմունքից և գրեթե հակառակ նրա կամքի, գրեթե բռնի, ինչպես էլ շառավիղի առաջ դնում էր պատվի, ազնվության, արդարության և նույնիսկ հասարակ հաշվենկատության պարտականությունները, շվեյցարացի սանը անհողդողդ մնաց, և ի՞նչ։ Այդ բոլորը դեռ ոչինչ, բայց ահա թե իրոք արդեն ինչն է աններելի և ոչ մի հետաքրքիր հիվանդությամբ ներել չի կարելի․ իր պրոֆեսորի շտիբլետները ոտներից հազիվ հանած այդ միլիոնատերը, չկարողացավ նույնիսկ այն էլ հասկանալ, որ ոչ թե ողորմություն, ոչ էլ օգնություն է խնդրում նրանից իրեն դասերով սպանող երիտասարդի ազնիվ բնավորությունը, այլ իր իրավունքն ու իրեն հասանելիքը, թեկուզև ոչ իրավաբանական, և նույնիսկ չի խնդրում, այլ նրա փոխարեն միայն ընկերներն են միջնորդում։ Վսեմաշուք տեսքով և իր միլիոններով մարդկանց անպատիժ ճզմելու հնարավորությունից արբեցած, մեր շառավիղը հանում է մի հիսունռուբլիանոց թղթադրամ և իբրև անբարտավան ողորմածություն ուղարկում է ազնիվ երիտասարդին։ Դուք չե՞ք հավատում, պարոնայք։ Դուք զայրացած եք, դուր վիրավորված եք, դուք վրդովմունքի ճիչ եք արձակում. և սակայն նա արել է այդ։ Հասկանալի է, դրամն անմիջապես վերադարձվել է նրան, այսպես ասած, ետ է շպրտվել նրա երեսին։ Ինչո՞վ է մնում լուծել այդ գործը։ Գործը իրավաբանական չէ, մնում է լոկ միայն հրապարակայնությունը։ Մենք հանրությանն ենք հանձնում այս անեկդոտը, երաշխավորելով նրա հավաստիությանը։ Ասում են, մեր մի ամենահռչակավոր երգիծաբան այդ առթիվ մի հիասքանչ էպիգրամ է թռցրել բերանից, որն արժանի է տեղ գրավելու մեր բարքերի ոչ միայն նահանգական, այլև մայրաքաղաքային ակնարկներում.
 +
 +
<poem>
 +
Լյովան Շնեյդերի շինելով 
 +
Հինգ տարի խաղ էր անում, 
 +
Պարապ֊սարապ թափառելով 
 +
Ժամանակ էր սպանում։ 
 +
Եկել է նեղ կոշիկներով, 
 +
Մեկ միլիոն է ժառանգել, 
 +
Ռուսերեն է աղոթում... բայց 
 +
Ուսանող է պլոկել»։ 
 +
</poem>
 +
 +
Երբ Կոլյան վերջացրեց, թերթը հապճեպ տվեց իշխանին և, առանց մի խոսք ասելու, նետվեց մի անկյուն, կիպ խցկվեց այնտեղ և դեմքը ծածկեց ձեռներով։ Նա անասելի ամաչում էր, և նրա մանկական, կեղտին դեռ չվարժված դյուրազգացությունը վրդովված էր նույնիսկ չափից ավելի։ Նրան թվում էր, թե կատարվել է մի արտասովոր, ամեն ինչ միանգամից կործանող բան, և որ ով գիտի հենց ինքն է դրա պատճառը, հենց թեկուզ միայն նրանով, որ բարձրաձայն կարդաց դա։
 +
 +
Բայը, թվում է, բոլորն էլ դրա նման մի բան էին զգում։
 +
 +
Օրիորդները շատ անհարմար էին զգում և ամաչում էին։ Լիզավետա Պրոկոֆևնան իր մեջ զսպում էր արտակարգ զայրույթը և գուցե նույնպես դառնորեն զղջում էր, որ խառնվեց այդ գործին. հիմա նա լռել էր։ Իշխանի հետ տեղի էր ունենում այն, ինչ հաճախ նման դեպքերում լինում է չափազանց ամոթխած մարդկանց, նա այն աստիճան ամաչեց ուրիշի արարքից, այնպիսի ամոթ զգաց իր հյուրերի փոխարեն, որ առաջին ակնթարթին նույնիսկ վախենում էր նրանց նայել։ Պտիցինը, Վարյան, Գանյան, նույնիսկ Լեբեդևը, բոլորը կարծես թե մի քիչ շփոթված տեսք ունեին։ Ամենատարօրինակն այն էր, որ Իպոլիտն ու «Պավլիշչևի որդին» էլ կարծես թե մի բանից զարմացած էին. Լեբեդևի քրոջորդին, ըստ երևույթին, նույնպես դժգոհ հր։ Միայն բռնցքամարտիկն էր նստած բոլորովին հանգիստ, բեղերը ոլորելով, ծանրակշիռ տեսքով և աչքերը փոքր֊ինչ խոնարհած, բայց ոչ թե ամաչելուց, այլ ընդհակառակը, կարծես թե ազնիվ համեստությունից և չափազանց ակնհայտ ցնծությունից։ Ամեն ինչից երևում էր, որ հոդվածը նրան շատ է դուր գալիս։
 +
 +
— Սատանան գիտի, թե սա ինչ բան է,― կիսաձայն փնթփնթաց Իվան Ֆյոդորովիչը,— կարծես հիսուն լակեյ են միասին հավաքվել շարադրելու և շարադրել են։
 +
 +
— Բայց թու֊ո՜ւյլ տվեք հարցնել, ողորմած, տեր, թե ինչպե՞ս կարող եք վիրավորել նման ենթադրություններով,— հայտարարեց ու հուզմունքից սարսռաց Իպոլիտը։
 +
 +
— Դա, դա, դա ազնիվ մարդու համար․․․ ինքներդ համաձայնեցեք, գեներալ, եթե ազնիվ մարդ է, դա արդեն վիրավորական է,— փնթփնթաց բռնցքամարտիկը, նույնպես հանկարծ չգիտես ինչից հուզվելով, բեղերը ոլորելով և ուսերն ու իրանը թափահարելով։
 +
 +
— Նախ՝ ես ձեզ համար «ողորմած տեր» չեմ, իսկ երկրորդ՝ ես մտադիր չեմ ձեզ ոչ մի բացատրություն տալու,— կոպիտ պատասխանեց սարսափելի տաքացած Իվան Ֆյոդորովիչը, տեղից վեր կացավ և, առանց մի խոսք ասելու, հեռացավ դեպի պատշգամբի ելքը և կանգնեց սանդուղքի վերին աստիճանին, մեջքը դեպի հասարակությունը, խստագույն զայրույթով լցված դեպի Լիզավետա Պրոկոֆևնան, որը նույնիսկ հիմա էլ չէր մտածում տեղից շարժվել։
 +
 +
— Պարոնայք, պարոնայք, վերջապես թույլ տվեք, պարոնայք, խոսել,— անձկությամբ ու հուզված բացականչում էր իշխանը,— և բարի եղեք, այնպես խոսենք, որ միմյանց հասկանանք։ Ես ոչինչ չունեմ, պարոնայք, հոդվածի առթիվ, թող այդպես լինի՝ միայն թե չէ՞ որ դա, պարոնայք, ամբողջը ճիշտ չէ, ինչ որ տպված է հոդվածում, ես նրա համար եմ ասում, որ դուք ինքներդ էլ գիտեք դա. նույնիսկ ամոթ է։ Այնպես որ ես ուղղակի զարմանում եմ, եթե դա ձեզնից մեկնումեկն է գրել։
 +
 +
— Մինչև այս րոպեն ես ոչինչ չգիտեի այդ հոդվածի մասին,— հայտարարեց Իպոլիտը,— ես հավանություն չեմ տալիս այդ հոդվածին։
 +
 +
— Ես թեև գիտեի, որ դա գրված է, բայց... ես էլ խորհուրդ չէի տա տպագրել, որովհետև վաղաժամ է,— ավելացրեց Լեբեդևի քրոջորդին։
 +
 +
— Ես գիտեի, բայց ես իրավունք ունեմ... ես...— մրթմրթաց «Պավլիշչևի որդին»։
 +
 +
— Ինչպե՜ս։ Դուք ինքնե՞րդ եք հորինել այդ բոլորը,— հարցրեց իշխանը, հետաքրքրությամբ նայելով Բուրդովսկուն,— չի՜ կարող պատահել։
 +
 +
— Սակայն կարելի է և չընդունել այդպիսի հարցեր տալու ձեր իրավունքը,― մեջ ընկավ Լեբեդևի քրոջորդին։
 +
 +
— Չէ՞ որ ես միայն զարմանքս հայտնեցի, որ պարոն Բուրդովսկուն հաջողվել է... բայց․․․ ես ուզում եմ ասել, եթե դուք արդեն հրապարակել եք այդ գործը, ապա ինչո՞ւ այնպես վիրավորվեցիք քիչ առաջ, երբ ես բարեկամներիս ներկայությամբ նույն գործի մասին սկսեցի խոսել։
 +
 +
— Վերջապե՜ս, — զայրագին փնթփնթաց Լիզավետա Պրոկոֆևնան։
 +
 +
— Եվ նույնիսկ, իշխան, դուք բարեհաճեցիք մոռանալ,— աթոռների միջով հանկարծ սողոսկեց անհամբեր Լեբեդևը, համարյա տենդով բռնված,— բարեհաճեցիք մոռանալ, որ միայն ձեր բարի կամքը և ձեր սրտի անօրինակ բարությունն էր՝ նրանց ընդունել և ունկնդրել, և որ նրանք ոչ մի իրավունք չունեն այդպես պահանջելու, առավել ևս, որ դուք այդ գործը արդեն հանձնարարել եք Գավրիլա Արդալիոնովիչին և այդ էլ ձեր անչափ բարությունից եք այդպես վարվել, իսկ որ հիմա, ամենապայծառափայլ իշխան, մնալով ձեր ընտրյալ բարեկամների մեջ, դուք չեք կարող այդպիսի ընկերակցությունը զոհաբերել այս պարոնների համար, և կարող էիք այս բոլոր պարոններին, այսպես ասած, այս իսկ րոպեիս ճամփու դնել սանդուղքից, այնպես որ ես, իբրև տանտեր, նույնիսկ մեծ բավականությամբ...
 +
 +
― Միանդամայն իրավացի է,— հանկարծ սենյակի խորքից որոտաց գեներալ Իվոլգինը։
 +
 +
— Բավական է, Լեբեդև, բավական է, բավական․․․― սկսեց իշխանը, բայց զայրույթի մի ամբողջ պայթյուն խլացրեց նրա խոսքերը։
 +
 +
— Ոչ, ներեցեք, իշխան, ներեցեք, հիմա արդեն այդքանը բավական չէ՜,— համարյա բոլորի ձայնը խլացրեց Լեբեդևի քրոջորդին,— հիմա պետք է գործը պարզ ու հաստատուն դնել, որովհետև, ըստ երևույթին, դա չեն հասկանում։ Այստեղ իրավաբանական պատրվակագործները խառնվեցին և այդ պատրվակների հիման վրա մեզ սպառնում են դուրս հրել սանդուղքից։ Բայց մի՞թե, իշխան, դուք մեզ արդեն այն աստիճան հիմարների տեղ եք դնում, որ մենք ինքներս էլ չենք հասկանում, թե մեր գործը որ աստիճան ոչ իրավաբանական է, և որ եթե իրավաբանորեն քննարկելու լինենք, մենք օրենքով ձեզանից մի ռուբլի անգամ իրավունք չունենք պահանջելու։ Բայց մենք հենց հասկանում ենք, որ եթե այստեղ չկա իրավաբանական իրավունք, բայց դրա փոխարեն կա մարդկային, բնական իրավունք. առողջ բանականության իրավունք և խղճի ձայն, և թող որ մեր այդ իրավունքը գրանցված չլինի մարդկային ոչ մի նեխված կոդեքսի մեջ, բայց վսեմ ու ազնիվ մարդը, այսինքն՝ նույնն է թե ողջախոհ մարդը, պարտավոր է վսեմ ու ազնիվ մարդ մնալ նույնիսկ և այն կետերում, որոնք գրանցված չեն կոդեքսներում։ Դրա համար էլ մենք մտանք այստեղ, առանց վախենալու, որ մեզ սանդուղքից ցած կնետեն (ինչպես դուք հիմա սպառնացիք) միմիայն նրա համար, որ մենք ոչ թե ''խնդում'', այլ ''պահանջում ենք'', և նրա համար, որ այսքան ուշ ժամին այցելության գալը անվայելուչ է (թեև մենք եկել էինք ոչ ուշ ժամի, և հենց դուք մեզ հարկադրեցիք սպասել ծառայանոցում), հենց դրա համար էլ, ասում եմ, եկանք, առանց որևէ բանից վախենալու, որ հանձին ձեր ենթադրում էինք գտնել հենց ողջախոհ մարդու, այսինքն՝ պատվով ու խղճով մարդու։ Այո, այդ ճիշտ է, մենք մտանք ոչ թե խոնարհ, ոչ որպես ձեր պնակալեզներ ու շողոքորթներ, այլ գլուխներս բարձրացրած, ինչպես ազատ մարդիկ, և բնավ ոչ խնդրանքով, այլ ազատ ու հպարտ պահանջով (լսո՞ւմ եք, ոչ թե խնդրանքով, այլ պահանջով, դա ձեր ականջին օղ արեք)։ Մենք արժանապատվությամբ և ուղղակի ձեր առաջ հարց ենք դնում. արդյոք Բուրդովսկու գործում դուք ձեզ իրավացի՞, թե անիրավացի եք համարում։ Ընդունո՞ւմ եք, որ դուք Պավլիշչևի կողմից բարերարված, գուցե և փրկված եք մահից։ Եթե ընդունում եք (որը ակներև է), ապա մաադի՞ր եք արդյոք, կամ խղճի մտոք արդյոք արդարացի չե՞ք համարում, ձեր հերթին, միլիոններ ստանալով, հատուցել Պավլիշչևի կարիքավոր որդուն, թեկուզև նա Բուրդովսկու ազգանունը կրելիս լիներ։ Այո՞, թե ոչ։ Եթե ''այո'', այսինքն, այլ խոսքերով, եթե ձեր մեջ կա այն, որը ձեր լեզվով դուք անվանում եք ազնվություն և խիղճ և որը մենք ավելի ճշգրիտ նշում ենք ողջախոհություն անվամբ, ապա բավարարեցեք մեզ, և գործը կվերջանա։ Բավարարեցեք առանց խնդրանքների և առանց շնորհակալությունների մեր կողմից, այդ բաները մի սպասեք մեզանից, որովհետև դա անում եք ոչ թե մեզ, այլ արդարության համար։ Իսկ եթե չեք ուզենա մեզ բավարարել, այսինքն՝ կպատասխանեք՝ ''ոչ'', ապա մենք հիմա գնում ենք և գործը կարճվում է. իսկ ձեր երեսին ասում ենք, ձեր բոլոր վկաների ներկայությամբ, որ դուք կոպիտ խելքի և ստոր զարգացման տեր մարդ եք, որ այսուհետև պատվով ու խղճով մարդ կոչվել դուք չեք համարձակվի և իրավունք չունեք, որ այդ իրավունքը դուք չափազանց էժան եք ուզում գնել։ Ես վերջացրի։ Ես հարցը դրեցի։ Հիմա վռնդեցեք մեզ սանդուղքից, եթե համարձակվում եք։ Դուք կարող եք այդ անել, դուք ուժ ունեք։ Բայց հիշեցեք, որ մենք, համենայն պեպս, պահանջում ենք, ոչ թե խնդրում։ Պահանջո՛ւմ ենք, ոչ թե խնդրում...
 +
 +
Լեբեդևի քրոջորդին սաստիկ տաքացած, կանգ առավ։
 +
 +
— Պահանջում ենք, պահանջում ենք, պահանջս՛ւմ, և ոչ թե խնդրում...— սկսեց թոթովել Բուրդովսկին և խեցգետնի պես կարմրեց։
 +
 +
Լեբեդևի քրոջորդու խոսքերին հետևեց որոշ ընդհանուր շարժում և նույնիսկ քրթմնջյուն բարձրացավ, թեև ամբողջ հասարակության մեջ բոլորը նկատելիորեն խուսափում էին գործին խառնվելուց, բացի Լեբեդևից, որը կարծես տենդի մեջ էր։ (Տարօրինակ բան. Լեբեդևը, որ ակնհայտորեն իշխանի կողմն էր կանգնած, հիմա կարծես թե իր քրոջորդու ճառից հետո ընտանեկան հպարտության որոշ բավականություն էր զգում, համենայն դեպս գոհունակության մի առանձնահատուկ տեսքով նայեց բոլոր հավաքվածներին)։
 +
 +
— Իմ կարծիքով,— սկսեց իշխանը բավական կամաց,― իմ կարծիքով, դուք, պարոն Դոկտորենկո, այն ամենի մեջ, ինչ որ հիմա ասացիք, ինչ-որ չավավ լիովին իրավացի եք, նույնիսկ համաձայն եմ, որ շատ ավելի մեծ չափով, և ես ձեզ հետ լիովին համաձայն կլինեի, եթե ձեր խոսքերում ինչ֊որ բան բաց թողած չլինեիք։ Թե այստեղ հատկապես ինչը բաց թողիք՝ ես ուժ չունեմ և ի վիճակի չեմ ճշգրիտ արտահայտել ձեզ, բայց ձեր խոսքերի լիակատար արդարության համար, իհարկե, մի բան պակասում է։ Բայց ավելի լավ է դառնանք գործին, պարոնայք, ասացեք, ինչո՞ւ տպագրեցիք այդ հոդվածը։ Չէ՞ որ այդտեղ ամեն մի բառը զրպարտություն է, այնպես որ, դուք, պարոնայք, իմ կարծիքով ստորություն եք արել։
 +
 +
— Ներեցե՜ք...
 +
 +
— Ողորմած տե՛ր...
 +
 +
— Դա... դա... դա․․․― միանգամից լսվեց հուզված հյուրերի կողմից։
 +
 +
― Հոդվածի մասին,— ճղճղան ձայնով վրա բերեց Իպոլիտը,— այդ հոդվածի մասին ես արդեն ձեզ ասացի, որ ես և մյուսները հավանություն չենք տալիս դրան։ Դա գրել է ահա սա,— նա ցույց տվեց իր կողքին նստած բռնցքամարտիկին,— գրել է անվայելուչ, համաձայն եմ, գրել է անգրագետ և այնպիսի ոճով, որով գրում են նույնպիսի, ինչպես նա է, պաշտոնաթողները։ Նա հիմար է և, բացի այդ, արհեստագործ, համաձայն եմ, ես դա ամեն օր նրա երեսին եմ ասում, բայց և այնպես կիսով չափ նա իրավացի էր. հրապարակայնությունը յուրաքանչյուրի, նշանակում է նաև Բուրդովսկու, օրինական իրավունքն է։ Իսկ իր անհեթեթությունների համար թող ինքը պատասխանի։ Ինչ վերաբերում է այն բանին, որ ես քիչ առաջ բոլորի անունից բողոքեցի ձեր բարեկամների ներկայության առթիվ, ապա հարկ եմ համարում, ողորմած տյարք, բացատրելու ձեզ, որ բողոքում էի լոկ նրա համար, որ հայտարարեի մեր իրավունքը, բայց որ ըստ էության մենք նույնիսկ ուզում ենք, որ վկաներ լինեն, և քիչ առաջ, դեռ այստեղ չմտած, բոլոր չորսս էլ դրանում համաձայնության եկանք։ Ովքեր էլ լինեն ձեր վկաները, թեկուզև ձեր բարեկամները, բայց քանի որ նրանք չեն կարող չհամաձայնել Բուրդովսկու իրավունքին (որովհետև, ըստ երևույթին, դա մաթեմատիկական է), ապա ավելի լավ է, որ դրանք ձեր բարեկամներն են. ճշմարտությունն ավելի ակնհայտ կներկայանա։
 +
 +
— Այդ ճիշտ է, մենք այդպես համաձայնության եկանք,— հաստատեց Լեբեդևի քրոջորդին։
 +
 +
— Ուրեմն ի՞նչ պատճառով քիչ առաջ հենց առաջին խոսքերից այդպիսի աղմուկ-աղաղակ բարձրացավ, եթե դուք այդպես էիք ուզում,— զարմացավ իշխանը։
 +
 +
— Իսկ ինչ վերաբերում է հոդվածին, իշխան,— մեջ մտավ բռնցքամարտիկը, որ սաստիկ ուզում էր իր խոսքն ասած լինել և հաճելիորեն աշխուժացել էր (կարելի էր կասկածել, որ նրա վրա նկատելիորեն և ուժեղ ազդում էր կանանց ներկայությունը),— ինչ վերաբերում է հոդվածին, ապա խոստովանում եմ, որ հեղինակը իրոք ես եմ, թեև իմ հիվանդոտ բարեկամը, որին ես սովոր եմ ներել նրա թուլացած լինելու պատճառով, հիմա քննադատեց այն։ Բայց հորինել եմ ես և անկեղծ բարեկամիս ամսագրում տպագրել եմ որպես թղթակցություն։ Միայն բանաստեղծություններն իրոք իմը չեն և իրոք պատկանում են հայտնի երգիծաբանի գրչին։ Բուրդովսկու մոտ ես միայն կարդացի, այն էլ ոչ ամբողջը, և անմիջապես նրանից համաձայնություն ստացա տպագրելու, բայց համաձայնեցեք, որ ես կարող էի տպագրել նաև առանց համաձայնության։ Հրապարակայնությունը համընդհանուր, վսեմ և բարերար իրավունք է։ Հուսով եմ, որ դուք ինքներդ, իշխան, այնքան առաջադեմ եք, որ չեք ժխտի այդ․․․
 +
 +
— Ոչինչ չեմ ժխտի, բայց համաձայնեցեք, որ ձեր հոդվածում. ..
 +
 +
— Սո՞ւր է, ուզում եք ասել։ Բայց չէ՞ որ այստեղ, այսպես ասած, օգուտ է հասարակությանը, ինքներդ համաձայնեցեք, և, վերջապես, մի՞թե հնարավոր է բաց թողնել այսպիսի գրգռիչ դեպք։ Ավելի վատ մեղավորների համար, բայց հասարակության օգուտն ամենից առաջ։ Ինչ վերաբերում է որոշ անճշտություններին, այսպես ասած հիպերբոլաներին, ապա համաձայնեցեք, և նրան, որ ամենից առաջ կարևոր է նախաձեռնությունը, ամենից առաջ նպատակն ու մտադրությունը, կարևոր է բարերար օրինակը, իսկ հետո արդեն քննարկենք մասնավոր դեպքերը, և, վերջապես, այստեղ ոճ կա, այստեղ, այսպես ասած, երգիծաբանական խնդիր կա, և, վերջապես, բոլորն այդպես են գրում, ինքներդ համաձայնեցեք։ Հա֊հա՜։
 +
 +
— Բոլորովի՜ն կեղծ ճանապարհ։ Հավատացնում եմ ձեզ, պարոնայք,― գոչեց իշխանը,― դուք հոդվածը գրել եք այն ենթադրությամբ, որ ես ոչ մի դեպքում չեմ համաձայնի բավարարել պարոն Բուրդովսկուն, և նշանակում է, որպեսզի դրա համար ինձ վախեցնեք և որևէ բանով վրեժ լուծեք։ Բայց ի՞նչ գիտեիք, գուցե ես որոշել էի բավարարել Բուրդովսկուն։ Ես ձեզ ուղղակի, բոլորի ներկայությամբ հիմա հայտարարում եմ, որ կբավարարեմ...
 +
 +
— Ահա, վերջապես խելացի և ազնիվ մարդու խելացի և ազնիվ խոսք,— ազդարարեց բռնցքամարտիկը։
 +
 +
— Տե՜ր աստված,— դուրս թռավ Լիզավետա Պրոկոֆևնայի բերանից։
 +
 +
— Սա անտանելի՛ է,— մրթմրթաց գեներալը։
 +
 +
— Դե թույլ տվեք, պարոնայք, թույլ տվեք, որ շարադրեմ գործը,— աղերսում էր իշխանը,— մոտ հինգ շաբաթ առաջ եկավ ձեր լիազորն ու հավատարմատարը, պարոն Բուրդովսկի, Չեբարովը։ Դուք նրան շատ գովեստով եք նկարագրել ձեր հոդվածում, պարոն Կելլեր,— դարձավ իշխանը բռնցքամարտիկին, հանկարծ ծիծաղելով,— բայց նա ինձ բոլորովին դուր չեկավ։ Ես սկզբից ևեթ հասկացա, որ ամբողջ բանը հենց այդ Չեբարովն է, որ կարող է պատահել, հենց նա է ձեզ սովորեցրել, պարոն Բուրդովսկի, օգտվելով ձեր միամտությունից, սկսել այս ամենը, եթե անկեղծ ասելու լինենք։
 +
 +
— Դա, իրավունք չունեք․․․ ես... միամիտ չեմ... դա...— հուզված թոթովեց Բուրդովսկին։
 +
 +
— Դուք ոչ մի իրավունք չունեք այդպիսի ենթադրություններ անելու,— խրատական եղանակով պաշտպան կանգնեց Լեբեդևի քրոջորդին։
 +
 +
— Դա վերին աստիճանի վիրավորական է,— ճղճղաց Իպոլիտը,— վիրավորական, սխալ և գործին չվերաբերվող ենթադրություն է։
 +
 +
— Ներեցեք, պարոնայք, ներեցեք,— շտապ մեղա եկավ իշխանը,— խնդրում եմ, ներեցեք, այդ նրա համար էր, որ մտածեցի, ավելի լավ չի՞ լինի, որ բոլորովին անկեղծ լինենք միմյանց հետ. բայց ձեր կամքն է, ինչպես կուզեք։ Ես Չեբարովին ասացի, քանի որ Պետերբուրգում չեմ, ապա անմիջապես լիազորում եմ բարեկամիս, որ այդ գործը վարի, իսկ ձեզ, պարոն Բուրդովսկի, այդ մասին կծանուցեմ։ Ես ձեզ ուղղակի կասեմ, պարոնայք, որ այդ գործը ինձ թվաց ամենախարդախ գործ, հենց այն պատճառով, որ այդտեղ Չեբարովն էր խառնված... Օխ, մի վիրավորվեք, պարոնայք։ Ի սեր աստծո, մի վիրավորվեք,— վախեցած գոչեց իշխանը, նորից տեսնելով Բուրդովսկու վիրավորված վրդովմունքի, նրա ընկերների հուզմունքի ու բողոքի դրսևորումը,— դա չի կարող անձնապես ձեզ վերաբերվել, եթե ես ասում եմ, որ այդ գործը համարում էի խաբեբայական։ Չէ՞ որ ես այն ժամանակ ձեզնից ոչ մեկին անձնապես չէի ճանաչում և ձեր ազգանուններն էլ չգիտեի. ես միայն Չեբարովով էի դատում. ես ասում եմ ընդհանրապես, որովհետև... եթե միայն իմանայիք, ինչպե՜ս սարսափելի խաբել են ինձ այն պահից, երբ Ժառանդություն եմ ստացել։
 +
 +
— Իշխան, դուք շատ միամիտ եք,— ծաղրաբար նկատեց Լեբեդևի քրոջորդին։
 +
 +
— Եվ ընդսմին իշխան եք և միլիոնատեր։ Ձեր, գուցե և, իրոք բարի ու պարզունակ սրտով, դուք, համենայն դեպս, իհարկե, չեք կարող ազատվել ընդհանուր օրենքից, — ազդարարեց Իպոլիտը։
 +
 +
— Կարող է պատահել, շատ կարող է պատահել, պարոնայք,— շտապում էր իշխանը,— թեև ես չեմ հասկանում, թե ինչ ընդհանուր օրենքի մասին եք խոսում դուք. բայց ես շարունակում եմ, միայն թե դուք զուր տեղը մի վիրավորվեք. երդվում եմ, ձեզ վիրավորելու նվազագույն իսկ ցանկություն չունեմ։ Եվ իսկապես, սա ի՞նչ բան է, պարոնայք. ոչ մի խոսք չի կարելի անկեղծ ասել, իսկույն վիրավորվում եք։ Բայց նախ և առաջ ինձ սաստիկ զարմացրեց, որ գոյություն ունի «Պավլիշչևի որդի», և գոյություն ունի այդպիսի սարսափելի վիճակում, ինչպես ինձ բացատրեց Չեբարովը։ Պավլիշչևը իմ բարերարն է և իմ հոր բարեկամը։ (Ախ, ինչո՞ւ եք այդպես սուտ գրել ձեր հոդվածում իմ հոր մասին, պարոն Կելլեր։ Վաշտի գումարների ոչ մի վատնում և ստորադրյալների նկատմամբ ոչ մի վիրավորանք չի եղել,— դրանում ես հաստատ համոզված եմ, և ինչպե՞ս ձեր ձեռքը բարձրացավ այդպիսի զրպարտություն գրելու)։ Իսկ այն, ինչ գրել եք Պավլիշչևի մասին, արդեն բոլորովին անտանելի է։ Դուք այդ ազնվագույն մարդուն անվանում եք հեշտասեր ու թեթևսոլիկ այնպես համարձակ, այնպես հաստատ, կարծես թե իսկապես ճշմարտությունն եք ասում, մինչդեռ նա ամենաողջախոհ մարդն էր, ինչպիսիք եղել են աշխարհում։ Նա նույնիսկ հրաշալի գիտնական էր, նա գիտության մեջ շատ հարգարժան մարդկանց թղթակիցն էր և շատ փող էր ծախսել գիտությանն ի նպաստ։ Ինչ վերաբերում է նրա սրտին, նրա բարի գործերին, օ, իհարկե, դուք արդարացի եք գրել, որ ես այն ժամանակ համարյա ապուշ էի և ոչինչ չէի կարող հասկանալ (թեև ռուսերեն համենայն դեպս խոսում էի և կարող էի հասկանալ), բայց չէ՞ որ կարող եմ գնահատել այն ամենը, ինչ որ հիմա հիշում եմ...
 +
 +
— Ներեցեք,— ճղճղում էր Իպոլիտը,— չափից ավելի զգայացունց չի՞ լինի դա։ Մենք երեխա չենք։ Դուք ուզում էիք ուղղակի գործին անցնել, ժամը տասն է լինում, այդ հիշեցեք։
 +
 +
— Խնդրեմ, խնդրեմ, պարոնայք,— անմիջապես համաձայնեց իշխանը,— առաջին անվստահությունից հետո ես մտածեցի, որ կարող եմ և սխալվել, և որ իրոք Պավլիշչևը կարող էր որդի ունենալ։ Բայց ինձ խիստ զարմացրեց, որ այդ որդին այդպես հեշտ, այսինքն՝ ես ուզում եմ ասել այդպես հրապարակայնորեն հայտնում է իր ծննդյան գաղտնիքը և, գլխավորը, խայտառակում է իր մորը։ Որովհետև Չեբարովն արդեն այն ժամանակ էլ ինձ վախեցնում էր հրապարակայնությամբ...
 +
 +
— Ի՜նչ հիմարություն,— բղավեց Լեբեդևի քրոջ որդին։
 +
 +
— Դուք իրավունք չունե՛ք... իրավունք չունե՛ք,— գոչեց Բուրդովսկին։
 +
 +
— Որդին պատասխանատու չէ հոր անառակ քայլի համար, իսկ մայրը մեղավոր չէ,— տաք֊տաք ճղճղաց Իպոլիտը։
 +
 +
— Առավել ևս, թվում է, պետք էր խնայել...— երկչոտ ասաց իշխանը։
 +
 +
— Դուք, իշխան, ոչ միայն միամիտ եք, այլ, դեռ ավելի առաջ եք անցել,— չարությամբ քմծիծաղ տվեց Լեբեդևի քրոջորդին։
 +
 +
— Ի՞նչ իրավունք ունեիք դուք․․․— ամենաանբնական ձևով ճղճղաց Իպոլիտը։
 +
 +
— Ո՛չ մի, ո՛չ մի,— հապճեպ նրա խոսքը կտրեց իշխանը,— դրանում դուք իրավացի եք, խոստովանում եմ, բայց դա ակամայից էր, և ես հենց այն ժամանակ ինքս ինձ ասացի, որ իմ անձնական զգացմունքները գործի վրա չպետք է ազդեն, որովհետև եթե ես ինքս արդեն ինձ պարտավոր եմ ճանաչում բավարարելու պարոն Բուրդովսկու պահանջը, ի սեր դեպի Պավլիշչևն ունեցած իմ զգացմունքների, ապա պետք է բավարարեմ ինչ դեպքում ուզում է լինի, այսինքն՝ պարոն Բուրդովսկուն հարգելիս լինեի, թե չլինեի։ Ես միայն նրա համար սկսեցի դրա մասին, պարոնայք, որ այնուամենայնիվ ինձ անբնական թվաց, որ որդին այդպես հրապարակավ բաց է անում իր մոր գաղտնիքը․․․ Մի խոսքով, ես գլխավորը, հենց այդ պատճառով համոզվեցի, որ Չեբարովը պետք է սրիկայի մեկը լինի և խաբեությամբ ինքն է դրդել պարոն Բուրդովսկուն այդպիսի խարդախության։
 +
 +
— Բայք ախր սա արդեն անտանելի՜ է,— ձայներ հնչեցին նրա հյուրերի միջից, որոնցից մի քանիսը նույնիսկ վեր թռան աթոռներից։
 +
 +
— Պարոնա՛յք։ Ես հենց դրա համար կարծեցի, որ դժբախտ պարոն Բուրդովսկին պետք է որ միամիտ, անօգնական, խարդախներին հեշտ ենթարկվող մարդ լինի, նշանակում է, առավել ևս ես պարտավոր էի օգնել նրան, որպես «Պավլիշչևի որդու», նախ, հակազդելով պարոն Չեբարովին, երկրորդ, իմ անձնվիրությամբ ու բարեկամությամբ, որպեսզի նրան ղեկավարեմ, իսկ երրորդ, նշանակել եմ նրան տալու տասը հազար ռուբլի, այսինքն՝ այն ամենը, ինչքան փող իմ հաշվով Պավլիշչևը կարող էր ծախսած լինել ինձ վրա...
 +
 +
— Ինչպե՜ս։ Միայն տասը հազա՜ր,— բղավեց Իպոլիտը։
 +
 +
— Դե, իշխան, դուք շատ թույլ եք թվաբանությունից կամ թե չափազանց ուժեղ եք, թեև պարզունակ եք ձևանում,― բացականչեց Լեբեդևի քրոջորդին;
 +
 +
— Ես տասը հազարին համաձայն չեմ,— ասաց Բուրդովսկին։
 +
 +
— Անտիպ, համաձայնիր,— արագ ու պարզորոշ շշուկով հուշեց բռնցքամարտիկը, հետևից կռանալով Իպոլիտի աթոռի վրայով,— համաձայնիր, հետո կտեսնենք։
 +
 +
— Լսեցեք, պարոն Միշկին,— ճղճղում էր Իպոլիտը,— հասկացեք, որ մենք հիմարներ չենք, գռեհիկ հիմարներ չենք, ինչպես, հավանաբար, մեր մասին մտածում են ձեր բոլոր հյուրերն ու այս տիկնայք, որոնք այդպիսի զայրույթով քմծիծաղում են մեզ վրա, և հատկապես այս բարձրաշխարհիկ պարոնը (նա ցույց տվեց Եվգենի Պավլովիչին), որին, հասկանալի է, ճանաչելու պատիվը չունեմ ես, բայց որի մասին կարծեմ, որոշ բաներ իմացել եմ...
 +
 +
— Թույլ տվեք, թույլ տվեք, պարոնայք, դուք դարձյալ չհասկացաք ինձ,― հուզված դիմեց նրանց իշխանը,― նախ և առաջ, դուք, պարոն Կելլեր, ձեր հոդվածում չափազանց անստույգ եք նշել իմ կարողությունը. ես բոլորովին էլ միլիոններ չեմ ստացել, իմ ունեցածը, գուցե, միայն մեկ ութերորդը կամ մեկ տասներորդն է այն գումարի, որ դուք ենթադրում եք, թե ունեմ։ Երկրորդ, Շվեյցարիայում ինձ վրա րոլորովին էլ տասնյակ հազարներ չեն ծախսվել։ Շնեյդերը տարեկան ստանում էր վեց հարյուրական ռուբլի, և այն էլ միայն առաջին երեք տարին, իսկ սիրունիկ դաստիարակչուհիների համար Պավչիշչևը երբեք Փարիզ չէր գնում. դա դարձյալ զրպարտություն է։ Իմ կարծիքով ընդամենը տասը հազարից շատ ավելի պակաս է ծախսված ինձ վրա, բայց ես նշանակել եմ տասը հազար, և, ինքներդ համաձայնեցեք, պարտքս հատուցելով, ես ոչ մի կերպ չէի կարող պարոն Բուրդովսկուն ավելին առաջարկել, եթե նույնիսկ նրան սաստիկ սիրելիս լինեի, և չէի կարող հենց միայն նրբանկատության զգացմունքից, որովհետև նրան պարտքս էի հատուցում և ոչ թե ողորմություն էի ուղարկում։ Չգիտեմ, պարոնայք, դուք ինչպե՜ս չեք հասկանում սա։ Բայց ես ուզում էի այդ ամենը հետո հատուցել իմ բարեկամությամբ, իմ գործոն միջամտությամբ դժբախտ պարոն Բուրդովսկու ճակատագրին, որն ըստ երևույթին խաբված է, որովհետև չէ՞ որ չէր կարող նա ինքը առանց խաբված լինելու համաձայնել այնպիսի ստորության, ինչպես, օրինակ, նրա մոր մասին պարոն Կելլերի, հոդվածում այսօրվա հրապարակումը... Դե վերջապես ի՞նչ եք նորից ձեզ կորցնում, պարոնայք։ Չէ՞ որ վերջապես բոլորովին չենք կարողանա հասկանալ միմյանց։ Չէ՞ օր իմ ասածը դուրս եկավ։ Ես հիմա սեփական աչքովս համոզվեցի, որ իմ ենթադրությունն իրավացի էր,— համոզում էր տաքացած իշխանը, ցանկանալով խաղաղեցնել հուզմունքը և չնկատելով, որ միայն ավելացնում է այն։
 +
 +
— Ինչպե՞ս թե։ Ինչո՞ւմ համոզվեցիք,— հարձակվում էին նրա վրա գրեթե կատաղած։
 +
 +
— Ներեցեք, նախ և առաջ ես ինքս կարողացա հրաշալի դիտել պարոն Բուրդովսկուն, չէ՞ որ հիմա ես ինքս տեսնում եմ, թե ինչպիսին է նա․․․ Նա անմեղ մարդ է, որին, սակայն, բոլորը խաբում են։ Անպաշտպան մարդ է... և դրա համար էլ ես պետք է նրան խնայեմ, իսկ երկրորդ, Գավրիլա Արդալիոնովիչը, որին հանձնարարված է եղել գործը և որից ես վաղուց տեղեկություն չէի ստանում, որովհետև ճանապարհին էի գտնվում և հետո Պետերբուրգում երեք օր հիվանդ էի. հանկարծ հիմա, ընդամենը մի ժամ առաջ, մեր առաջին հանդիպման ժամանակ, ինձ հայտնում է, որ Չեբարովի բոլոր մտադրությունները նա հասկացել է, ապացույցներ ունի, և որ Չեբարովը հենց այն է, ինչ որ ես ենթադրում էի։ Չէ՞ որ ես գիտեմ, պարոնայք, որ ինձ շատերը ապուշ են համարում, և Չեբարովը, ըստ իմ այն համբավի, որ հեշտությամբ եմ փողերը տալիս, մտածում էր ինձ շատ հեշտությամբ խաբել, և հենց հույսը դնելով դեպի Պավլիշչևն ունեցած իմ զգացմունքների վրա։ Բայց գլխավորն այն է, դե լսեցեք ախր, պարոնայք, լսեցեք մինչև վերջ, գլխավորն այն է, որ հիմա հանկարծ պարզվում է, որ պարոն Բուրդովսկին ամենևին էլ Պավչիշչևի որդին չէ։ Հիմա դա ինձ հայտնեց Գավրիլա Արդալիոնովիչը, և հավատացնում է, որ հաստատ ապացույցներ ունի։ Դե, ինչպե՞ս կթվա սա ձեզ, չէ՞ որ անհնար է հավատալը այն ամենից հետո, ինչ որ արդեն արել եք։ Եվ լսեցեք. հաստա՛տ ապացույցներ։ Ես դեռ չեմ հավատում, ինքս չեմ հավատում, հավատացնում եմ ձեզ. ես դեռ կասկածում եմ, որովհետև Գավրիլա Արդալիոնովիչը դեռ չի հասցրել բոլոր մանրամասնությունները հայտնել ինձ, բայց որ Չեբարովը սրիկա է, ապա դրանում հիմա արդեն կասկած չկա։ Նա և դժբախտ պարոն Բուրդովսկուն, և ձեզ բոլորիդ, պարոնայք, որոնք ազնվաբար եկել եք սատարելու ձեր բարեկամին (քանի որ նա ըստ երևույթին դրա կարիքն ունի, չէ՞ որ ես հասկանում եմ դա), նա ձեզ բոլորիդ խաբել է և ձեզ բոլորիդ խճճել մի խաբեբայական դեպքի մեջ, որովհետև ըստ էության չէ՞ որ սա խաբեբայություն է, սրիկայություն։
 +
 +
— Ինչպե՞ս թե խաբեբայություն է... ինչպե՞ս թե «Պավլիշչևի որդին» չէ․․․ ինչպե՞ս կարելի է դա․․․— հնչեցին բացականչություններ։ Բուրդովսկու ամբողջ խումբը աներևակայելի իրարանցման մեջ էր։
 +
 +
— Դե, հասկանալի է, որ խաբեբայություն է։ Չէ՞ որ եթե հիմա դուրս գա, որ պարոն Բուրդովսկին «Պավլիշչևի որդին» չէ, չէ՞ որ այդ դեպքում պարոն Բուրդովսկու պահանջը ուղղակի խաբեբայության է դուրս գալիս (այսինքն, հասկանալի է, եթե նա ճշմարտությունն իմանար), բայց բանն էլ հենց այն է, որ նրան խաբել են, դրա համար էլ ես պնդում եմ, որպեսզի նրան արդարացնեմ. դրա համար էլ ասում եմ, որ նա արժանի է խղճահարության, իր միամտության պատձառով, և չի կարող առանց օգնության լինել, այլապես չէ՞ որ նա էլ այդ գործով խաբեբա դուրս կգա։ Բայց ախր ես ինքս արդեն համոզված եմ, որ նա ոչինչ չի հասկանում։ Ես ինքս էլ մինչև Շվեյցարիա գնալս այդ վիճակում էի, նույնպես թոթովում էի անկապ խոսքեր, ուզում ես արտահայտվել ու չես կարող... Ես դա հասկանում եմ. ես կարող եմ շատ կարեկցել, որովհետև ես ինքս էլ գրեթե այդպիսին եմ, ինձ թույլատրելի է խոսել։ Եվ, վերջապես, այնուհանդերձ, չնայած հիմա արդեն «Պավլիշչևի որդի» չկա, և որ այդ բոլորը խաբեություն է դուրս գալիս, ես չեմ փոխում որոշումս և պատրաստ եմ վերադարձնել տասը հազարը, ի հիշատակ Պավլիշչևի։ Չէ՞ որ մինչև պարոն Բուրդովսկին ես ուզում էի այդ տասը հազարը ի հիշատակ Պավլիշչևի գործադրել դպրոցի վրա, բայց չէ՞ որ հիմա դա միևնույնը կլինի, դպրոցի վրա, թե պարոն Բուրդովսկու, որովհետև եթե պարոն Բուրդովսկին «Պավլիշչևի որդին» չէ, ապա համարյա թե ոնց որ «Պավլիշչևի որդին» լինի․ որովհետև չէ՞ որ նրան էլ այդպես չարամտորեն խաբել են. նա ինքն անկեղծորեն իրեն համարում էր Պավլիշչևի որդին։ Ուրեմն, պարոնայք, լսեցեք Գավրիլա Արդալիոնովիչին, վերջացնենք սա, մի բարկացեք, մի հուզվեք, նստեցեք։ Գավրիլա Արդալիոնովիչը հիմա մեզ կբացատրի այդ ամենը, և ես, խոստովանում եմ, ինքս էլ շատ եմ ուզում իմանալ բոլոր մանրամասնությունները։ Նա ասում է, որ նույնիսկ գնացել է Պսկով ձեր մայրիկի մոտ, պարոն Բուրդովսկի, որը բոլորովին էլ չի մեռել, ինչպես ձեզ հարկադրել են գրել հոդվածում... Նստեցեք, պարոնայք, նստեցեք։
 +
 +
Իշխանը նստեց և կարողացավ նորից նստեցնել պարոն Բուրդովսկու՝ տեղներիը վեր թռած խմբին։ Վերջին տասը կամ քսան րոպեն նա խոսում էր տաքացած, բարձրաձայն, անհամբեր արագախոսությամբ, հափշտակված, ջանալով բոլորին հաղթել իր խոսելով, բոլորի ձայնը կտրել, և իհարկե, հետո նա արդեն դառնորեն զղջում էր հիմա իր բերանից դուրս թռած որոշ բառերի և ենթադրությունների համար։ Եթե նրան չգրգռեին և համարյա համբերությունից չհանեին, նա իրեն թույլ չէր տա այդպես մերկ և այդպես հապճեպ բարձրաձայն արտահայտել իր որոշ կռահումներն ու ավելորդ անկեղծությունները։ Բայց հենց որ նա տեղը նստեց, մի այրող զղջում ցավ պատճառելու աստիճան խոցեց նրա սիրտը։ Բացի նրանից, որ նա «վիրավորել» էր Բուրդովսկուն, այդպես հրապարակով ենթադրելով նրա մեջ նույն հիվանդությունը, որից ինքը բուժվում էր Շվեյցարիայում, բացի դրանից, տասը հազարի առաջարկը, դպրոցի փոխարեն, նրա կարծիքով, արված էր կոպիտ և անզգույշ, ինչպես ողորմություն, և հատկապես նրանով, որ արված էր մարդկանց ներկայությամբ, բարձրաձայն։ «Պետք էր սպասել և առաջարկել վաղը առանձին, իսկ հիմա արդեն գործն ուղղել չի լինի։ Այո, ես ապուշ եմ, իսկական ապուշ»,― որոշեց նա իր մեջ ամոթի և անսահման վշտի նոպայով։
 +
 +
Այդ միջոցին Գավրիլա Արդալիոնովիչը, որ մինչև այժմ կանգնած էր մեկուսի և համառորեն լռում էր, իշխանի հրավերով առաջ եկավ, կանգնեց նրա կողքին և հանգիստ ու պարզ սկսեց շարադրել իշխանի կողմից նրան հանձնարարած գործի հաշվետվությունը։ Բոլոր խոսակցությունները վայրկենապես լռեցին։ Բոլորը լսում էին արտակարգ հետաքրքրությամբ, հատկապես Բուրդովսկու խումբը։
 +
 +
=== IX ===
 +
 +
— Դուք, իհարկե, չեք ժխտի,— սկսեց Գավրիլա Արդալիոնովիչը, ուղղակի դիմելով ամբողջ ուշադրությամբ նրան ունկնդրող Բուրդովսկուն, որ զարմանքից աչքերը պլշել էր նրա վրա և, ըստ երևույթին, խիստ հուզված էր,— դուք չեք ժխտի, և իհարկե, չեք էլ ուզենա լրջորեն ժխտել, որ ծնվել եք ձեր հոր՝ կոլեգիական ասեսոր Բուրդովսկու հետ ձեր հարգարժան մայրիկի օրինական ամուսնությունից ուղիղ երկու տարի հետո։ Ձեր ծննդյան ժամանակը փաստացի ապացուցելը չափազանց հեշտ է, այնպես որ պարոն Կելլերի հոդվածի մեջ ձեզ և ձեր մայրիկի համար չափազանց վիրավորական աղավաղումն այդ փաստի բացատրվում է միայն պարոն Կելլերի սեփական վառ երևակայությամբ, որը ենթադրում էր դրանով ուժեղացնել ձեր իրավունքի ակնհայտությունը և դրանով օգնել ձեր շահերին։ Պարոն Կելլերն ասում է, որ նախօրոք ձեզ համար կարդացել է հոդվածը, թեև ոչ ամբողջը․․․ անկասկած, նա ձեզ համար չի կարդացել մինչև այդ տեղը...
 +
 +
— Իրոք, չեմ կարդացել,― ընդհատեց բռնցքամարտիկը,— բայց բոլոր փաստերը ինձ հայտնած է եղել մի լավատեղյակ անձնավորություն, և ես...
 +
 +
— Ներեցեք, պարոն Կելլեր,— կանգնեցրեց նրան Գավրիլա Արդալիոնովիչւ,— թույլ տվեք ինձ խոսելու։ Հավատացնում եմ ձեզ, որ բանը ձեր հոդվածին կհասնի իր հերթին, այն ժամանակ էլ կհայտնեք ձեր բացատրաթյունները։ Իսկ հիմա ավելի լավ է շարունակենք կարգով։ Միանգամայն պատահական ձևով, իմ քրոջ, Վարվառա Արդալիոնովնա Պտիցինայի օգնությամբ, նրա մոտիկ բարեկամուհուց՝ կալվածատիրուհի և այրի Վերա Ալեքսեևնա Զուբկովայից ձեռք բերի հանգուցյալ Նիկոլայ Անդրեևիչ Պավլիշևի՝ սրանից քսանչորս տարի առաջ արտասահմանից նրան գրած մի նամակը։ Մտերմանալով Վերա Ալեքսեևնայի հետ, ես, նրա ցուցումով, դիմեցի պարոն Պավլիշչևի հեռավոր ազգական և ժամանակին շատ լավ բարեկամ, պաշտոնաթող գնդապետ Տիմոֆեյ Ֆյոդորովիչ Վյազովկինին։ Ինձ հաջողվեց նրանից ստանալ Նիկոլայ Անդրեևիչի ևս երկու նամակը, նույնպես արտասահմանից գրված։ Այդ երեք նամակներով, նրանցում նշված տարեթվերով ու փաստերով մաթեմատիկորեն ապացուցվում է, հերքելու և նույնիսկ կասկածելու առանց որևէ հնարավորության, որ Նիկոլայ Անդրեևիչը այն ժամանակ արտասահման է մեկնել (որտեղ և մնացել է երեք տարի անընդհատ) ձեր ծնվելուց ուղիղ մեկ և կես տարի աոաջ, պարոն Բուբդովսկի։ Ձեր մայրիկը, ինչպես հայտնի է ձեզ, Ռուսաստանից երբեք չի մեկնել... Այս րոպեիս ես չեմ կարդա այդ նամակները։ Հիմա արդեն ուշ է. ես միայն բոլոր դեպքերում հայտնում եմ փաստերը։ Բայց եթե ուզում եք, պարոն Բուրդովսկի, թեկուզ հենց վաղը առավոտյան տեսակցություն նշանակել ինձ մոտ և բերել ձեր վկաներին, քանի հոգի ուզում եք, և էքսպերտներ՝ ձեռագիրը համեմատելու համար, ապա ինձ համար ոչ մի կասկած չկա, որ դուք չեք կարող չհամոզվել իմ հայտնած փաստի ակնհայտ ճշմարտությանը։ Իսկ եթե այդպես է, հասկանալի է, այդ ամբողջ գործը վերանում է և ինքնըստինքյան կարճվում։
 +
 +
Նորից հետևեց ընդհանուր շարժում և խոր հուզմունք։ Բուրդովսկին ինքը հանկարծ վեր կացավ աթոռից։
 +
 +
— Եթե այդպես է, ապա ես խաբված եմ եղել, խաբված, բայց ոչ թե Չեբարովի կողմից, այլ վաղուց, շատ վաղուց, չեմ ուզում էքսպերտներ, չեմ ուզում տեսակցություն, ես հավատում եմ, ես հրաժարվում եմ... տասը հազար համաձայն չեմ... մնաք բարով... .
 +
 +
Նա գլխարկը վերցրեց և աթոռը մի կողմ քշեց, որպեսզի գնա։
 +
 +
— Եթե կարող եք, պարոն Բուրդովսկի,— կամացուկ ու քաղցրաձայն կանգնեցրեց նրան Գավրիլա Արդալիոնովիչը,― ապա մնացեք թեկուզ մի հինգ րոպե էլ։ Այս գործով բացվում են էլի մի քանի շատ կարևոր փաստեր, հատկապես ձեզ համար, համենայն դեպս, չափազանց հետաքրքիր։ Իմ կարծիքով, ձեզ չի կարելի դրանց հետ չծանոթանալ, ու, թերևս, հենց ձեզ համար ավելի հաճելի կլինի, եթե գործը լիովին պարզաբանվի...
 +
 +
Բուրդովսկին լուռ նստեց, փոքր-ինչ գլխահակ և կարծես սաստիկ մտազբաղ։ Նրա հետևից նստեց նաև Լեբեդևի քրոջորդին, որը նույնպես վեր էր կացել նրան ուղեկցելու. սա թեև գլուխը և համարձակությունը չէր կորցրել, բայց ըստ երևույթին խիստ մտահոգված էր։ Իպոլիտը խոժոռված էր, ախար և կարծես շատ զարմացած։ Այդ րոպեին, ի դեպ, նրա հազը այնպես բռնեց, որ նույնիսկ թաշկինակը կեղտոտեց արյունով։ Բռնցքամարտիկը համարյա վախեցած էր։
 +
 +
— Է՜խ, Անտիպ,— բղավեց նա դառնությամբ։― Ախր ես քեզ ասում էի այն ժամանակ․․․ երեք օր առաջ, որ դու, գուցե իսկապես էլ Պավլիշչևի որդին չես։
 +
 +
Լսվեց զուսպ ծիծաղ, երկուսը֊երեքը ծիծաղեցին մյուսներից ավելի բարձրաձայն։
 +
 +
—— Այս րոպեին ձեր հայտնած փաստը, պարոն Կելլեր,― վրա բերեց Գավրիլա Արդալիոնովիչը,— շատ թանկաիժեք է։ Այնուամենայնիվ ես լիակատար իրավունք ունեմ ամենաճշգրիտ տվյալներով պնդելու, որ թեև պարոն Բուրդովսկուն, իհարկե, շատ լավ հայտնի էր իր ծննդյան ժամանակը, բայց բոլորովին հայտնի չէր Պավլիշչևի արտասահմանում գտնվելու այդ հանգամանքը, որտեղ պարոն Պավլիշչևը անց է կացրել իր կյանքի մեծ մասը, Ռուսաստան վերադառնալով միայն կարճ ժամկետներով։ Բացի այդ, այն ժամանակվա մեկնելու փաստն ինքնին չափազանց աննշան է, որպեսզի ավելի քան քսան տարի անց հիշեն նույնիսկ Պավլիշչևին մոտիկից ճանաչողները, ուր մնաց պարոն Բուրդովսկին, որն այն ժամանակ դեռ չէր էլ ծնվել։ Իհարկե, հիմա տեղեկանքներ հավաքելը անհնար չեղավ, բայց ես պետք է խոստովանեմ, որ իմ ստացած տեղեկանքները ինձ հաջողվել է ձեռք բերել բոլորովին պատահականորեն և շատ կարող էին ձեռքս չընկնել, այնպես որ պարոն Բուրդովսկու և նույնիսկ Չեբաբովի համար այդ տեղեկանքներն իրոք գրեթե անհնարին էին, եթե անգամ նրանց մտքով անցներ ձեռք բերել։ Բայց չէ՞ որ կարող էր նաև մտքներովը չանցնել...
 +
 +
― Թույլ տվեք, պարոն Իվոլգին,— գրգռված ընդհատեց նրան հանկարծ Իպոլիտը,— ինչի՞ համար է այս ամբողջ բարբաջանքը (ներեցեք ինձ)։ Գործը հիմա բացատրվեց, մենք համաձայնում ենք հավատալ գլխավոր փաստին, էլ ի՞նչ կարիք կա երկարացնել ծանր ու վիրավորական քաշքշուկը։ Գուցե դուք ուզում եք պարծենալ ձեր որոնումների ճարպկությամբ, մեր առաջ և իշխանի առաջ ցուցադրե՞լ, թե ինչ լավ հետաքննիչ, խուզարկու եք դուք։ Կամ հո մտադիր չե՞ք նախաձեռնել Բուրդովսկու ներումն ու արդարացումը նրանով, որ նա այս գործի մեջ խրվել է անտեղյակ լինելով։ Բայց դա հանդգնություն է, ողորմած տեր։ Ձեր արդարացման ու ներման կարիքը չունի Բուրդովսկին, թող հայտնի լինի ձեզ։ Նրա համար վիրավորական է, նրա համար առանց այն էլ ծանր է հիմա, նա անհարմար վիճակի մեջ է, դուք պետք է կռահեիք, հասկանայիք դա...
 +
 +
— Բավական է, պարոն Տերենտև, բավական է,— հաջողվեց Գավրիլա Արդալիոնովիչին ընդհատել նրան,― հանգստացեք, մի գրգռեք ձեզ. դուք, կարծես, շա՞տ անառողջ եք։ Ես ձեզ կարեկցում եմ։ Այդ դեպքում, եթե ուզում եք, ես վերջացրի, այսինքն՝ ստիպված կլինեմ միայն կարճառոտ հաղորդել այն փաստերը, որոնք, իմ համոզմամբ, ավելորդ չէր լինի իմանալ լիակատար կերպով,― ավելացրեց նա, նկատելով անհամբերության նմանող որոշ ընդհանուր շարժում։― Ես միայն ուզում եմ հայտնել, ապացույցներով, այս գործում բոլոր շահագրգռված անձանց ի գիտություն, որ ձեր մայրիկը, պարոն Բուրդովսկի, լոկ այն պատճառով էր օգտվում Պավլիշչևի համակրանքից ու հոգածությունից, որ հարազատ քույրն էր այն ճորտ աղջկա, որին սիրահարված էր Պավլիշչևը իր ամենավաղ երիտասարդության տարիներին, բայց այն աստիճան, որ անպայման կամուսնանար նրա հետ, եթե աղջիկը հանկարծահաս չմեռներ։ Ես ապացույցներ ունեմ, որ այս միանգամայն ճիշտ և ճշգրիտ ընտանեկան փաստը չափազանց քիչ հայտնի է, նույնիսկ բոլորովին մոռացված։ Այնուհետև ես կարող էի բացատրել, թե ինչպես ձեր մայրիկին, դեռևս տասնամյա մի երեխայի, վերցրել է պարոն Պավյիշչևը դաստիարակելոլ որպես ազգականուհի, որ նրա համար ետ է դրվել նշանակալից օժիտ և որ այդ ամբողջ հոգածությունը չափազանց տագնապալից լուրեր է ծնել Պավյիշչևի բազմաթիվ ազգականների մեջ. նույնիսկ կարծում էին, թե նա կամուսնանա իր սանուհու հետ, բայց վերջացավ նրանով, որ աղջիկն իր հակումով (և դա ստուգապես կարող էի ապացուցել) ամուսնացավ հողաչափ֊չինովնիկ պարոն Բուրդովսկու հետ, քսան տարեկան հասակում։ Այստեղ ինձ մոտ հավաքված են մի քանի ամենաճշգրիտ փաստեր, ապացուցելու համար, թե ինչպես ձեր հայրը՝ պարոն Բուրդովսկին, բոլորովին ոչ գործնական մի մարդ, ձեր մոր համար ստանալով տասնհինգ հազար ռուբլի օժիտ, ծառայությունը թողեց, առևտրական գործերի ձեռնարկեց, խաբվեց, կապիտալը կորցրեց, վշտին չդիմացավ, սկսեց խմել, որից հիվանդացավ և, վերջապես, անժամանակ մեռավ, ձեր մայրիկի հետ ամուսնանալու ութերորդ տարում։ Այնուհետև, ձեր մայրիկի սեփական վկայությամբ, նա մնաց աղքատության մեջ և բոլորովին կկորչեր առանց Պավլիշչևի մշտական և մեծահոգի օժանդակության, որը նրան տալիս էր մինչև վեց հարյուր ռուբլի նպաստ։ Այնուհետև անհամար վկայություններ կան, որ ձեզ՝ մանուկիդ, Պավլիշչևը սաստիկ սիրեց։ Այդ վկայություններից և դարձյալ ձեր մայրիկի հաստատելով՝ դուրս է գալիս, որ նա ձեզ սիրեց գերազանցապես այն պատճառով, որ մանուկ ժամանակ դուք թլվատի տեսք, հաշմանդամի տեսք, խղճուկ, դժբախտ երեխայի տեսք ունեիք (իսկ Պավլիշչևը, ինչպես ես եզրակացրել եմ ստույգ ապացույցներով, ինչ֊որ առանձնահատուկ քնքուշ հակում ուներ դեպի բոլոր ճնշվածներն ու բնության կողմից վիրավորվածները, հատկապես, երբ խոսքը վերաբերում էր երեխաներին, իմ համոզմամբ, մի փաստ, որ չափազանց կարևոր է մեր գործի համար)։ Վերջապես ես կարող եմ պարծենալ այն գլխավոր փաստի ամենաստույգ հետազոտությամբ, թե ինչպես Պավլիշչևի արտակարգ կապվածությունը ձեզ հետ (Պավլիշչևի, որի ջանքերով դուք մտաք գիմնազիա և սովորում էիք հատուկ հսկողության տակ) վերջապես, կամաց֊կամաց, Պավլիշչևի ազգականների և տնեցիների մեջ ծնեց այն միտքը, թե դուք Պավլիշչևի որդին եք և որ ձեր հայրը միայն խաբված ամուսին էր։ Բայց գլխավորն այն է, որ այդ միտքը որպես հաստատ և համընդհանուր կարծիք ամրապնդվեց միայն Պավլիշչևի կյանքի վերջին տարիներին, երբ բոլորը վախեցան կտակի համար և երբ սկզբնական փաստերը մոռացվել էին, իսկ տեղեկանքները անհնար դարձել։ Անտարակույս, այդ միտքը հասել է և ձեզ, պարոն Բուրդովսկի և ամբողջովին տիրել ձեզ։ Ձեր մայրը, որի հետ ես պատիվ ունեցա անձամբ ծանոթանալու, թեև գիտեր այս բոլոր լուրերի մասին, բայց նույնիսկ մինչև հիմա էլ չգիտի (ես էլ թաքցրի նրանից), որ դուք, նրա որդին ևս, գտնվում էիք այդ լուրի հմայքի տակ։ Ձեր մեծարգո մայրիկին, պարոն Բուրդովսկի, ես Պսկովում գտա հիվանդությունների և ամենածայրահեղ աղքատության մեջ, որի մեջ նա ընկել է Պավլիշչևի մահից հետո։ Նա շնորհակալության արցունքն աչքերին հայտնեց, որ միայն ձեր շնորհիվ է ապրում աշխարհի երեսին։ Նա շատ բան է սպասում ձեզանից ապագայում և ջերմորեն հավատում է ձեր ապագա հաջողություններին...
 +
 +
― Դա վերջապես անտանելի է,— բարձրաձայն ու անհամբերությամբ հանկարծ հայտարարեց Լեբեդևի քրոջորդին։— Ինչի՞ համար է այս ամբողջ վեպը։
 +
 +
— Նողկալիորեն անվայելուչ է,— ուժեղ շարժում գործեց Իպոլիտը։ Բայց Բուրդովսկին ոչինչ չնկատեց և նույնիսկ չշարժվեց։
 +
 +
— Ինչի համա՞ր։ Ինչո՞ւ,— խորամանկորեն զարմացավ Գավրիլա Արդալիոնովիչը, թունոտ պատրաստվելով շարադրելու իր եզրափակումը։— Դե նախ և առաջ պարոն Բուրդովսկին հիմա, կարող է պատահել, լիովին համոզված է, որ պարոն Պավլիշչևը նրան սիրում էր մեծահոգությունից, և ոչ թե որպես որդու։ Հենց միայն այս փաստը անհրաժեշտ էր իմանալ պարոն Բուրդովսկուն, որը այն ժամանակ հաստատել ու հավանություն էր ավել պարոն Կելլերին, հոդվածը կարդալուց հետո։ Այսպես եմ ասում նրա համար, որ ձեզ ազնիվ մարդ եմ համարում, պարոն Բուրդովսկի։ Երկրորդ, պարզվում է, որ այստեղ ոչ մի գողություն֊խաբեբայություն չի եղել նույնիսկ Չեբարովի կողմից. դա կարևոր կետ է նույնիսկ ինձ համար, որովհետև իշխանը քիչ առաջ տաքանալով, հիշատակեց, իբր ես էլ նույն կարծիքին եմ այս դժբախտի գործում գողության-խաբեբայության մասին։ Այստեղ, ընդհակառակը, ամեն կողմից լիակատար համոզվածություն կար, և թեկուզ Չեբարովը, գուցե և իրոք մեծ խարեբա է, բայց այս գործում նա արտահայտվում է ոչ ավելի, քան պատրվակարար, գրագիր, արհեստագործ։ Նա հույս ուներ մեծ գումար վաստակել որպես փաստաբան և նրա հաշիվը ոչ միայն նուրբ ու վարպետորեն էր արված, այլև ուղիղ. նա հիմնվում էր այն հեշտության վրա, որով իշխանը տալիս էր փողը և նրա ազնիվ֊հարգալից վերաբերմունքի վրա դեպի հանգուցյալ Պավչիշչևը․ նա հիմնվում էր, վերջապես (որ ամենից կարևորն է), պատվի ու խղճի պարտավորության վերաբերյալ իշխանի որոշ ասպետական հայացքների վրա։ Ինչ վերաբերում է հատկապես պարոն Բուրդովսկուն, ապա կարելի է նույնիսկ ասել, Չեբարովը և նրան շրջապատած խումբը այն աստիճան էր տրամադրել նրան, որ նա, շնորհիվ իր մի քանի համոզմունքների, գործն սկսեց համարյա բոլորովին ոչ շահադիտությունից, այլ գրեթե որպես ճշմարտությանը, առաջադիմությանը և մարդկությանը մատուցվող ծառայություն։ Այժմ, հաղորդած փաստերից հետո, ուրեմն, բոլորի համար պարզ է, որ պարոն Բուրդովսկին ազնիվ մարդ է, չնայած ամբողջ երևութականությանը, և հիմա իշխանը քիչ առաջվանից ավելի շուտ և ավելի սիրով կարող է նրան առաջարկել իր բարեկամական օժանդակությունը, և այն գործոն օգնությունը, որի մասին հիշատակեց քիչ առաջ, խոսելով դպրոցների և Պավլիշչևի մասին։
 +
 +
— Կանգ առեք, Գավրիլա Արդալիոնովիչ, կանգ առեք,— բղավեց իշխանը իսկական վախով, բայց արդեն ուշ էր։
 +
 +
— Ես ասացի, ես արդեն երեք անգամ ասացի,— գրգռված բղավեց Բուրդովսկին,— որ փող չեմ ուզում։ ես չեմ ընդունի․․․ ինչո՞ւ... չեմ ուզում... դո՜ւրս...
 +
 +
Եվ նա քիչ մնաց փախչեր պատշգամբից։ Բայց Լեբեդևի քրոջորդին բռնեց նրա թևից և մի բան շշնջաց նրան։ Նա արագ վերադարձավ և գրպանից հանելով չկնքած նամակի մի մեծ ծրար, նետեց իշխանի մոտ դրած փոքրիկ սեղանին։
 +
 +
— Ահա փողը... դուք չպետք է համարձակվեիք... չպետք է համարձակվեիք... փողը...
 +
 +
— Երկու հարյուր հիսուն ռուբլին, որ դուք համարձակվել էիք իբրև ողորմություն ուղարկել Չեբարովի միջոցով,— պարզաբանեց Դոկտորենկոն։
 +
 +
— Հոդվածում ասված է հիսուն,— բղավեց Կոլյան։
 +
 +
— Ես մեղավոր եմ,— ասաց իշխանը, մոտենալով Բուրդովսկուն, — ես շատ մեղավոր եմ ձեր առաջ, Բուրդովսկի, բայց իբրև ողորմություն չեմ ուղարկել, հավատացեք։ Ես հիմա էլ մեղավոր եմ... Ես քիչ առաջ մեղավոր էի (իշխանի տրամադրությունը շատ ընկած էր, հոգնած և թույլ տեսք ուներ, և բառերն անկապ էին)։ Ես ասացի խաբեբայության մասին․․․ բայց դա ձեր մասին չէ, ես սխալվեցի։ Ես ասացի, որ դուք էլ ինձ պես եք, հիվանդ։ Բայց դուք ինձ պես չեք, դուք... դասեր եք տալիս, դուք ձեր մորն եք պահում։ Ես ասացի, որ դուք խաղք արիք ձեր մորը, բայց դուք նրան սիրում եք. նա ինքն է ասում․․․ Ես չգիտեի․․․ Գավրիլա Արդալիոնովիչը քիչ առաջ ինձ մինչև վերջ չէր ասել․․․ Ես մեղավոր եմ։ Ես համարձակվեցի ձեզ տասը հազար առաջարկել, բայց ես մեղավոր եմ, ես դա այլ կերպ պետք է անեի, իսկ հիմա... չի կարելի, որովհետև դուք ինձ արհամարհում եք...
 +
 +
— Սա խելագարանո՜ց է,— բացականչեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 +
 +
— Իհարկե խելագարների տուն է,— չհամբերեց ու կոպիտ ասաց Ագլայան, բայց նրա խոսքերը կորան ընդհանուր աղմուկի մեջ. բոլորն արդեն բարձրաձայն խոսում էին, բոլորը դատողություններ էին անում, որը վիճում էր, որը ծիծաղում։ Իվան Ֆյոդորովիչ Եպանչինը ծայր աստիճան զայրացած էր և, վիրավորված արժանապատվության տեսքով, սպասում էր Լիզավետա Պրոկոֆևնային։ Լեբեդևի քրոջորդին մեջ գցեց վերջին խոսքը.
 +
 +
― Այո, իշխան, ձեզ պետք է արդարացին հատուցել, դուք շատ լավ կարողանում եք օգտվել... դե, ձեր հիվանդությունից (որպեսզի վայելուչ արտահայտված լինեմ), դուք այնպիսի ճարպիկ ձևով աոաջարկեցիք ձեր բարեկամությունն ու փողը, որ հիմա ազնիվ մարդու համար դրանք ընդունելը ոչ մի դեպքում հնարավոր չէ։ Դա կամ արդեն չափազանց անմեղ բան է, կամ չափազանց ճարպիկ․․․ ասենք, ձեզ ավելի հայտնի է։
 +
 +
— Թույլ տվեք, պարոնայք,― բացականչեց Գավրիլա Արդալիոնովիչը, այդ միջոցին բաց անելով փողի ծրարը,— այստեղ բոլորովին էլ երկու հարյուր հիսուն ռուբլի չէ, այլ ընդամենը հարյուր։ Ես նրա համար եմ ասում, իշխան, որ մի թյուրիմացություն չստացվի։
 +
 +
— Թողեք, թողեք,— ձեռքերը թափահարեց իշխանը Գավրիլա Արդալիոնովիչի վրա։
 +
 +
— Ոչ մի «թողեք»,— անմիջապես կպավ Լեբեդևի քրոջորդին։— Մեզ համար վիրավորական է ձեր «թողեք»֊ը, իշխան։ Մենք չենք թաքնվում, մենք բացահայտ հայտարարում ենք, այո, այդտեղ միայն հարյուր ռուբլի է, և ոչ թե երկու հարյուր հիսուն, բայց մի՞թե դա միևնույն չէ․․․
 +
 +
— Ո֊ոչ, միևնույն չէ,— միամիտ տարակուսանքի արտահայտությամբ միջամտեց Գավրիլա Արդալիոնովիչը։
 +
 +
— Ինձ մի ընդհատեք, մենք այնպես հիմար չենք, ինչպես կարծում եք, պարոն փաստաբան,— չար զայրույթով բացականչեց Լեբեդևի քրոջորդին,— հասկանալի է, որ հարյուր ռուբլին երկու հարյուր հիսուն ռուբլի չէ, և միևնույնը չէ, բայց կարևորը սկզբունքն է. այստեղ կարևոր է նախաձեռնությունը, իսկ որ հարյուր հիսուն ռուբլի պակասում է, դա միայն ժամանակի բան է։ Կարևորն այն է, որ Բուրդովսկին չի ընդունում ձեր ողորմությունը, ձերդ պայծառափայլություն, որ նա այդ ողորմությունը ձեր երեսին է շպրտում, իսկ այդ իմաստով միևնույն է, հարյուր ռուբլի լինի, թե երկու հարյուր հիսուն։ Բուրդովսկին չընդունեց տասը հազարը, դուք տեսաք, հարյուր ռուբլին էլ չէր բերի, եթե անազնիվ լիներ։ Այդ հարյուր հիսուն ռուբլին տրվել է Չեբարովին, որպես իշխանի մոտ գնալու ճանապարհածախս։ Ավելի շուտ ծիծաղեցեք մեր անճարպիկության վրա, գործեր վարելու մեր անգիտության վրա։ Դուք առանց այն էլ բոլոր ուժերով ջանացիք մեզ ծիծաղելի դարձնել. բայց չհամարձակվեք ասել, թե մենք անազնիվ ենք։ Այդ հարյուր հիսուն ռուբլին, ողորմած տեր, մենք բոլորս միասին կմուծենք իշխանին։ Մենք թեկուզ մեկական ռուբլով լինի, կվերադարձնենք և կվերադարձնենք տոկոսներով։ Բուրդովսկին աղքատ է, Բուրդովսկին միլիոններ չունի, իսկ Չեբարովը ճանապարհորդությունից հետո հաշիվ ներկայացրեց։ Մենք հույս ունեինք գործը շահել... նրա փոխարեն ո՞վ կվարվեր ուբիշ կերպ։
 +
 +
— Ինչպե՞ս թե՝ ով,— բացականչեց իշխան Շչ֊ն։
 +
 +
— Ես այստեղ կխելագարվեմ,— աղաղակեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 +
 +
— Դա հիշեցնում է,— ծիծաղեց Եվգենի Պավլովիչը, որը երկար Ժամանակ կանգնել և դիտում էր,― վերջերս եղած մի փաստաբանի հանրահայտ պաշտպանությունը, որը որպես արդարացում ցուցադրելով կողոպտելու նպատակով միանգամից վեց մարդ սպանած իր կլիենտի աղքատությունը, հանկարծ եզրակացրեց այդպես․ «Բնական է, ասում է, որ աղքատության պատճառով իմ կլիենտի մտքով անցել է կատարել վեց հոգու այդ սպանությունը, և նրա տեղը ո՞վ լիներ, որ մտքովը չանցներ դա»։ Ինչ-որ դրա պես մի բան, միայն թե շատ զվարճալի։
 +
 +
— Բավակա՛ն է,— հանկարծ ազդարարեց Լիզավետա Պրոկոֆևնան, համարյա դողալով ցասումից,— ժամանակն է վերջ տալու այս ցնդաբանությանը...
 +
 +
Նա սարսափելի գրգռված էր, նա սպառնագին ետ գցեց գլուխը և գոռոզ, բորբոքված ու անհամբեր մարտահրավերով իր փայլատակող հայացքը հածեց ամբողջ խմբի վրա, հազիվ թե այդ րոպեին տարբերելով բարեկամներին թշնամիներից։ Դա երկար զսպած, բայց վերջապես պայթած ցասման այն կետն էր, երբ գլխավոր մղումը դառնում է անհապաղ պայքարը, շուտով որևէ մեկի վրա հարձակվելու անհապաղ պահանջը։ Լիզավետա Պրոկոֆևնային ճանաչողները անմիջապես զգացին, որ նրա մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կատարվեց։ Իվան Ֆյոդորովիչը հենց հաջորդ օրն ասում էր իշխան Շչ-ին, որ «նրան այդ պատահում է, բայց այդ աստիճան, ինչպես երեկ, նույնիսկ նրան հազվադեպ է պատահում, այսպես մի երեք տարին մի անգամ, բայց բնավ դրանից ոչ ավելի հաճախակի։ Բնավ ոչ ավելի հաճախակի»,― ավելացրեց նա համոզիչ կերպով։
 +
 +
— Բավական է, Իվան Ֆյոդորովիչ։ Թողեք ինձ,― բացականչեց Լիզավետա Պրոկոֆևնան,― ի՞նչ եք հիմա ինձ ձեր թևն առաջարկում։ Չկարողացաք քիչ առաջ դուրս տանել, դուք ամուսին եք, դուք ընտանիքի գլուխ եք, դուք պետք է ինձ, հիմարիս, ականջիցս բռնած դուրս տանեիք, եթե ես ձեզ չլսեի և դուրս չգայի։ Գոնե աղջիկներիդ համար հոգ տանեիք։ Իսկ հիմա առանց ձեզ էլ ճանապարհը կգտնենք, մի ամբողջ տարվա համար հերիք է այս ամոթը․․․ Սպասեցեք, ես դեռ իշխանին ուզում եմ շնորհակալություն հայտնել․․․ Շնորհակալություն, իշխան, հյուրասիրության համար։ Իսկ ես իմ խելքով նստեցի երիտասարդներին ականջ դնելու... Սա ստորություն է, ստորություն։ Սա քաոս է, խայտառակություն, այսպիսի բան երազում էլ չես տեսնի։ Բայց մի՞թե այսպիսի, սրանց նմանները շատ են... Լռիր, Ագլայա։ Լռիր, Ալեքսանդրա։ Ձեր զործը չէ... Պտույտ մի եկեք շուրջս, Եվզենի Պավլովիչ, ձանձրացրիք ինձ... Ուրեմն, մի բան էլ դեռ դո՜ւ ես նրանցից ներողություն խնդրում, սիրելիս,— վրա բերեց նա կրկին, դառնալով դեպի իշխանը,— «մեղավոր եմ, այսինքն, որ համարձակվեցի ձեզ կապիտալ առաջարկել»․․․ իսկ դո՞ւ ինչ ես բարեհաճում ծիծաղել, պոռոտախոս,— հանկարծ հարձակվեց նա Լեբեդևի քրոջորդու վրա,— «մենք, իբր, կապիտալից հրաժարվում ենք, մենք պահանջո՜ւմ ենք, և ոչ թե խնդրում»։ Կարծես թե հաստատ չգիտի, որ այս ապուշը հենց վաղը նորից քարշ կգա նրանց մոտ իր բարեկամությունն ու կապիտալը առաջարկելու նրանց։ Չէ՞ որ կգնաս։ Կգնա՞ս, թե ոչ։
 +
 +
— Կգնամ,— ցածր ու հլու ձայնով ասաց իշխանը։
 +
 +
— Լսեցի՞ք։ Ախր հույսդ հենց դրա վրա էլ դրել ես,— նորից շուռ եկավ նա դեպի Դոկտորենկոն,— ախր մեկ է, թե փողն արդեն գրպանումդ է, դրա համար էլ հիմա պոռոտախոսում ես, որ աչքերիս թող փչես․․․ Չէ՜, աղավնյակս, ուրիշ հիմարների գտիր, իսկ ես ձեզ տակետակ տեսնում եմ... Ձեր ամբողջ խաղը տեսնում եմ։
 +
 +
— Լիզավետա Պրոկո՜ֆևնա,— բացականչեց իշխանը։
 +
 +
— Գնանք այստեղից, Լիզավետա Պրոկոֆևնա, վաղուց ժամանակն է, և իշխանին էլ տանենք հետներս,— որքան կարելի է հանգիստ և ժպտալով ասաց իշխան Շչ-ն։
 +
 +
Աղջիկները կանգնել էին մեկուսի գրեթե վախեցած, գեներալը իսկապես վախեցած էր․ առհասարակ բոլորը զարմանք էին կտրել։ Մի քանիսը, որոնք ավելի հեռու էին կանգնած, թաքուն քմծիծաղ էին տալիս և իրար հետ քչփչում. Լեբեդևի դեմքն արտահայտում էր ցնծության վերջին աստիճանը։
 +
 +
— Խայտառակություն և քաոս ամեն տեղ կգտնես, տիրուհի,— նշանակալից, սակայն մտահոգված ասաց Լեբեդևի քրոջորդին։
 +
 +
— Բայց ոչ այսպիսի։ Ոչ այսպիսի, ախպերս, ինչպես հիմա ձեզ մոտ, ո՛չ այսպիսի,— չարախնդությամբ, ասես հիստերիկայի մեջ, վրա բերեց Լիզավետա Պրոկոֆևնան։— Հանգիստ թողնելո՞ւ եք ինձ,— բղավեց նա իրեն համոզողների վրա,— չէ, եթե արդեն նույնիսկ դուք ինքներդ հիմա հայտարարեցիք, Եվգենի Պավլովիչ, որ նույնիսկ պաշտպանը դատարանում հայտարարեց, որ ավելի բնական ոչինչ չկա, քան աղքատության պատճառով վեց հոգի սպանելը, ապա իսկապես որ վերջին ժամանակներն են վրա հասել։ Դա ես դեռ չէի լսել։ Հիմա ինձ համար ամեն ինչ բացատրվեց։ Դե ահա այս թլվատը, մի՞թե սա չի մորթի (նա ցույց տվեց արտակարգ տարակուսանքով նրան նայող Բուրդովսկուն)։ Գրազ կգամ, որ կմորթի։ Նա քո փողը, տասը հազարը, գուցե և չի վերցնի, գուցե և խղճի մտոք չի վերցնի, իսկ գիշերը կգա և կմորթի, և փողը տուփի միջից կհանի։ Խղճի մտոք կանի։ Դա նրա կարծիքով անազնիվ չի։ Դա «ազնիվ հուսահատության պոռթկում» է, դա «բացասում» է» կամ էլ սատանան գիտի, թե ինչ... Թո՛ւհ, ամեն ինչ թարս շուռ տված, բոլորը սկսել են գլխիվայր ման գալ։ Աղջիկ է մեծանում տան մեջ, հանկարծ փողոցի մեջտեղը թը՜ռ կառքին. «Մայրիկ, ես օրերս այսինչ Կառլիչի կամ Իվանիչի հետ ամուսնացել եմ, մնաք բարո՜վ»։ Ուրեմն ձեր կարծիքով լա՞վ է այդպես վարվելը։ Հարգանքի՞ է արժանի, բնակա՞ն է։ Կանանց հա՞րց է։ Ահա այս անպիտան տղան (նա ցույց տվեց Կոլյային), նույնիսկ սա նորերս վիճում էր, թե դա հենց նշանակում է «կանանց հարց»։ Ասենք թե մայրը հիմար է եղել, բայց, համենայն դեպս, դու մարդ եղիր նրա նկատմամբ... Ինչո՞ւ քիչ առաջ գլուխներդ ցցած ներս մտաք։ «Չհամարձակվեք մոտենալ», մենք ենք գալիս։ «Մեզ բոլոր իրավունքները հրամցրու, իսկ դու նույնիսկ ծպտուն հանել չհամարձակվես մեր առաջ։ Մեզ բոլոր հարգանքները մատուցիր, ինչպիսիք նույնիսկ չեն էլ լինում, իսկ մենք քեզ կարհամարհենք ավելի վատ, քան վերջին լակեյին»։
 +
 +
Ճշմարտություն են որոնում, իրավունքի կողմն են կանգած, իսկ իրենք անօրենների պես զրպարտել են նրան հոդվածում։ «Պահանջո՛ւմ ենք, և ոչ թե խնդրո՜ւմ, և մեզնից ոչ մի շնորհակալություն չեք լսի, որովհետև դուք ձեր սեփական խղճի բավարարման համա՜ր եք անում»։ Այ քեզ բարոյախոսություն, բայց ախր եթե քեզնից ոչ մի շնորհակալություն չի լինի, ապա չէ՞ որ իշխանն էլ կարող է ասել քեզ ի պատասխան, որ նա դեպի Պավլիշչևը ոչ մի շնորհակալություն չի զզում, որովհետև Պավլիշչևն էլ բարի գործ անում էր սեէիական խղճի բավարարման համար։ Բայց չէ՞ որ դու հույսդ դրել ես միայն դեպի Պավլիշչևն ունեցած նրա շնորհակալության վրա. չէ՞ որ քեզնից չէր փող պարտք վերցրել, քեզ չի պարտք, հապա հույսդ ինչի՞ վրա էիր դրել, եթե ոչ շնորհակալութչան։ Ուրեմն ինչպե՞ս ես ինքդ հրաժարվում որանից։ Խելագարնե՜ր։ Հասարակությունը վայրենի և անմարդկային են համարում նրա համար, որ նա անարգում է գայթակղեցրած աղջկան։ Բայց եթե անմարդկային ես համարում հասարակությանը, նշանակում է, ընդունում ես, որ այդ հասարակությունը այդ աղջկան ցավ է պատճառում։ Իսկ եթե ցավ է պատճառում, հապա էլ ինչպե՞ս ես դու ինքդ նրան այդ հասարակության առաջ հանդես բերում թերթերում և պահանջում, որ ցավ չպատճառի նրան։ Խելագարնե՜ր։ Սնափառնե՜ր։ Աստծուն չեն հավատում, Քրիստոսին չեն հավատում։ Ախր սնափառությունն ու հպարտությունն այն աստիճան են կերել ձեզ, որ նրանով կվերջանա, որ իրար կուտեք, այդ կանխագուշակում եմ ձեզ համար։ Եվ խառնաշփոթություն չէ՞ սա, քաոս չէ՞, խայտառակություն չէ՞ սա։ Եվ դրանից հետո այս անամոթը դեռ խցկվում է նրանից ներողություն խնդրելու։ Շա՞տ եք այդպիսիներդ։ Ի՞նչ եք ծիծաղում. որ ես ինձ խայտառակեցի՞ ձեզ հետ։ Բայց ախր արդեն խայտառակվեցի, ախր այլևս հնար չկա... Իսկ դու մի՛ ծիծաղիր, աղտոտող (հարձակվեց նա հանկարծ Իպոլիտի վրա), ինքը հազիվ է շնչում, բայց ուրիշներին է այլասերում։ Դու ես փչացրել այս անպիտան տղային (նա նորից ցույց տվեց Կոլյային). նա միայն քո մասին է զառանցում, դու ես նրան աթեիզմ սովորեցնում, դու աստծուն չես հավատում, իսկ քեզ դեռ ձաղկել կարելի է, ողորմած պարոն, բայց թո՛ւհ ձեզ հետ... Ուրեմն կգնա՞ս, իշխան Լև Նիկոլաևիչ, վաղը նրանց մոտ կգնա՞ս,— նորից հարցրեց նա իշխանին, համարյա շնչահեղձ լինելով։
 +
 +
— Կգնամ։
 +
 +
— Որ այդպես է, քեզ ճանաչել չեմ ուզում սրանից հետո։— Նա արագ շուռ եկավ, որ գնա, բայց հանկարծ նորից վերադարձավ։— Այս աթեիստի մո՞տ էլ կգնաս,— ցույց տվեց նա Իպոլիտին։— Ի՞նչ ես վրաս ծիծաղում,— մի տեսակ անբնական ճչաց նա և հանկարծ նետվեց դեպի Իպոլիտը, չդիմանալով նրա կծու քմծիծաղին։
 +
 +
— Լիզավետա Պրոկո՜ֆևնա։ Լիզավետա Պրոկո՜ֆևնա։ Լիզավետա Պրոկո՜ֆևնա,— միանգամից լսվեց բոլոր կողմերից։
 +
 +
— Maman, դա ամոթ է,— բարձրաձայն ճչաց Ագլայան։
 +
 +
— Մի անհանգստացեք, Ագլայա Իվանովնա,— հանգիստ պատասխանում էր Իպոլիտը, որի ձեռքից պինդ բռնել ու չգիտես ինչու պահել էր մոտ թռած Լիզավետա Պրոկոֆևնան. նա կանգնել էր Իպոլիտի առաջ և կարծես կատաղի հայացքը մխրճել նրա մեջ,— մի անհանգստացեք, ձեր maman֊ն ուշադիր կնայի և կտեսնի, որ չի կարելի հարձակվել մեռնող մարդու վրա... Ես պատրաստ եմ պարզաբանելու, թե ինչու էի ծիծաղում... շատ ուրախ կլինեմ, եթե թույլ տրվի...
 +
 +
Այստեղ նա հանկարծ սկսեց սարսափելի հազալ և մի ամբողջ րոպե չէր կարողանում հազը կտրել։
 +
 +
— Ախր մեռնում է, բայց դեռ հռետորությո՜ւն է անում,— բացականչեց Լիզավետա Պրոկոֆևնան, բաց թողնելով նրա ձեռքը և համարյա սարսափած նայելով, թե նա ինչպես է շրթունքներից արյունը սրբում,— դու խոսելու ճա՞ր ունես։ Քեզ պետք է ուղղակի գնալ ու պառկել։
 +
 +
— Այդպես էլ կլինի,— կամաց, խռպոտ և համարյա շշուկով պատասխանեց Իպոլիտը,— ես, հենց որ վերադառնամ այսօր, անմիջապես կպառկեմ... երկու շաբաթից հետո, ինչպես ինձ հայտնի է, ես կմեռնեմ... Անցած շաբաթ Բ֊նն՝ ինքն ինձ հայտնեց։ Ուրեմն եթե թույլ կտաք, ես հրաժեշտի երկու խոսք կասեի ձեզ։
 +
 +
— Դու խելագարվե՞լ ես, ինչ էt։ Հիմարություն։ Բուժվել է պետք, հիմա ի՞նչ խոսակցություն։ Գնա, գնա պառկիր․․․— վախեցած գոչեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 +
 +
— Պառկեմ, բայց ախր այլևս վեր չեմ կենա մինչև մահս,— ժպտաց Իպոլիտը,— ես արդեն երեկ ուզեցա այնպես պառկել, որ արդեն մինչև մահս վեր չկենամ, բայց որոշեցի հետաձգել մինչև վաղը չէ մյուս օրը, քանի դեռ ոտներս շարժվում են... որպեսզի ահա սրանց հետ այսօր այստեղ գայի... միայն թե արդեն շատ հոգնեցի...
 +
 +
— Նստիր, նստիր, ի՞նչ ես կանգնել։ Ահա քեզ աթոռ,— նետվեց Լիզավետա Պրոկոֆևնան և ինքը աթոռը դրեց նրա տակ։
 +
 +
— Շնորհակալ եմ,— կամացուկ շարունակեց Իպոլիտը,— իսկ դուք նստեցեք դեմս, և ահա կխոսենք... մենք անպայման պիտի խոսենք, Լիզավետա Պրոկոֆևնա, հիմա ես արդեն պնդում եմ այդ...— նորից Ժպտաց նա։— Մտածեցեք, որ այսօր վերջին անգամն եմ ես բաց օդում և մարդկանց հետ, իսկ երկու շաբաթ հետո հավանաբար հողում կլինեմ։ Նշանակում է, սա հրաժեշտի պես մի բան կլինի թե մարդկանց, թե բնության հետ։ Ես թեև շատ զգայուն չեմ, բայց շատ ուրախ եմ, որ այս ամենը այստեղ Պավլովսկում պատահեց․ համենայն դեպս, գոնե սաղարթապատ ծառին կնայես։
 +
 +
— Հիմա ի՞նչ խոսակցության ժամանակ է,— ավելի ու ավելի էր վախենում Լիզավետա Պրոկոֆևնան,— դու ամբողջովին տենդի մեջ ես։ Քիչ առաջ ճղճղում ու ծվծվում էիր, իսկ հիմա հազիվ ես շունչդ ետ բերում, շունչդ կտրվել է։
 +
 +
— Հիմա կհանգստանամ։ Ինչո՞ւ եք ուզում մերժել իմ վերջին ցանկությունը։ Իսկ գիտե՞ք արդյոք, որ ես արդեն վաղուց էի երազում մի անգամ հանդիպել ձեզ, Լիզավետա Պրոկոֆևնա, ես ձեր մասին շատ եմ լսել․․․ Կոլյայից. ախր համարյա մենակ նա է, որ ինձ չի լքում... Դուք յուրօրինակ կին եք, էքսցենտրիկ կին եք, ես ինքս էլ հիմա տեսա.... Գիտե՞ք արդյոք, որ ես նույնիսկ մի քիչ սիրում էի ձեզ։
 +
 +
— Տեր աստված, իսկ ես քիչ մնաց նրան խփեի, իսկապես։
 +
 +
— Ձեզ ետ պահեց Ագլայա Իվանովնան. ես չեմ սխալվում, այնպես չէ՞։ Սա ձեր աղջիկը՝ Ագլայա Իվանովնան է, այնպես չէ՞։ Նա այնքան գեղեցիկ է, որ քիչ առաջ ես առաջին հայացքից կռահեցի նրա ով լինելը, թեև երբեք չէի տեսել։ Թույլ տվեք ինձ գոնե կյանքումս վերջին անգամ գեղեցկուհու երեսին նայել,— ինչ֊որ ամաչկոտ ծուռ ժպիտով ժպտաց Իպոլիտը,— ահա իշխանն էլ այստեղ է, ձեր ամուսինն էլ, և ամբողջ խումբը։ Ինչո՞ւ եք մերժում իմ վերջին ցանկությունը։
 +
 +
— Աթո՛ռ,— բղավեց Լիզավետա Պրոկոֆևնան, բայց ինքը վերցրեց ու նստեց Իպոլիտի դիմաց։— Կոլյա,— հրամայեց նա,— անմիջապես կճանապարհվես նրա հետ, ուղեկցիր նրան, իսկ վաղն անպայման ես ինքս...
 +
 +
— Եթե թույլ տայիք, իշխանից մի գավաթ թեյ կխնդրեի... ես շատ հոգնեցի։ Գիտե՞ք ինչ, Լիզավետա Պրոկոֆևնա, կարծեմ, դուք ուզում էիք իշխանին ձեզ մոտ տանել թեյ խմելու. մնացեք այստեղ, միասին անցկացնենք ժամանակը, իսկ իշխանը հավանաբար մեզ բոլորիս թեյ կտա։ Ներեցեք, որ ես այսպես կարգադրություններ եմ անում... Բայց չէ՞ որ ես ձեզ գիտեմ, դուք բարի եք, իշխանը նույնպես... Դուք բոլորդ կոմիզմի աստիճան բարի մարդիկ եք...
 +
 +
Իշխանն իրար անցավ, Լեբեդևը շատ արագ դուրս նետվեց սենյակից, նրա հետևից վազեց Վերան։
 +
 +
— Ճիշտ էլ որ,— կտրուկ որոշեց գեներալի կինը,— խոսիր, միայն թե կամաց, և մի ժպտա։ Խղճահարեցրիր ինձ... Իշխան, դու արժանի չէիր, որ քեզ մոտ թեյ խմեի, բայց թող այդպես լինի, մնում եմ, թեև ոչ ոքից ներողություն չեմ խնդրում։ Ոչ ոքից։ Հիմարություն... Ասենք, եթե քեզ նախատեցի, իշխան, ներիր, ի դեպ, եթե ուզում ես։ Ասենք, ես ոչ ոքի չեմ պահում,— անսովոր զայրույթի արտահայտությամբ դարձավ նա հանկարծ ամուսնուն ու աղջիկներին, կարծես թե հենց նրանք էին ինչ-որ բանում սաստիկ մեղավոր նրա առաջ,— ես մենակ էլ կարող եմ տուն հասնել։
 +
 +
Բայց նրան ժամանակ չտվին խոսքն ավարտելու։ Բոլորը մոտեցան և պատրաստակամությամբ շրջապատեցին նրան։ Իշխանն անմիջապես սկսեց խնդրել բոլորին, որ մնան թեյ խմելու և ներեն նրան, որ մինչև հիմա դա իր մտքով չէր անցել։ Նույնիսկ գեներալն այնքան սիրալիր եղավ, որ հանգստացուցիչ մի բան փնթփնթաց և սիրալիր հարցրեց Լիզավետա Պրոկոֆենային. «Բայց նրա համար ցուրտ չէ՞ պատշգամբում»։ Նույնիսկ քիչ մնաց Իպոլիտին հարցներ. «Վաղո՞ւց է նա համալսարանում», բայց չհարցրեց։ Եվգենի Պավլովիչը և իշխան Շչ-ն հանկարծ դարձան չափազանց սիրալիր և ուրախ, Ադելաիդայի և Ալեքսանդրայի դեմքերին, շարունակվող զարմանքի միջից, երևում էր նույնիսկ գոհունակություն, մի խոսքով, ըստ երևույթին բոլորը գոհ էին, որ Լիզավետա Պրոկոֆևնայի ճգնաժամն անցավ։ Միայն Ագլայան էր խոժոռված և լուռ նստեց հեռվում։ Մնաց նաև ամբողջ մնացած հասարակությունը, ոչ ոք չէր ուզում գնալ, նույնիսկ գեներալ Իվոլգինը, որին Լեբեդևը, ի միջի այլոց, մի բան շշնջաց կողքից անցնելիս, հավանաբար ոչ այնքան հաճելի բան, որովհետև գեներալը անմիջապես ետ քաշվեց մի անկյուն։ Իշխանը հրավերով մոտենում էր նաև Բուրդովսկուն և նրա խմբին, ոչ ոքի չանտեսելով։ Նրանք ձգված տեսքով մրթմրթացին, որ կսպասեն Իպոլիտին և անմիջապես հեռացան պատշգամբի ամենահեռավոր անկյունը, որտեղ և նստեցին դարձյալ բոլորը միասին։ Հավանաբար Լեբեդևը արդեն վաղուց թեյը պատրաստել էր իր համար, որովհետև անմիջապես հայտնվեց։ Խփեց ժամը տասնմեկը։
 +
 +
 +
=== X ===
 +
 +
Իպոլիտը շրթունքները թրջեց Վերա Լեբեդևայի մատուցած թեյի գավաթում, գավաթը դրեց փոքրիկ սեղանին և հանկարծ, կարծես ամաչելով, գրեթե շփոթված նայեց շուրջը։
 +
 +
— Տեսեք, Լիզավետա Պրոկոֆևնա, այս գավաթները,— մի տեսակ արտասովոր իրար անցավ նա,― այս ճենապակե գավաթները, և, կարծեմ, հրաշալի ճենապակե, Լեբեդևը միշտ պահում է շիֆոներկայի մեջ՝ ապակու տակ փակած, երբեք չեն մատուցվում... ինչպես ընդունված է, սա նրա կինն է հետը օժիտ բերել... նրանց մոտ այդպես է ընդունված... և ահա նա սրանք մատուցեց ի պատիվ ձեզ, հասկանալի է, այնքան ուրախացել է, որ...
 +
 +
Նա ուզում էր էլի ինչ֊որ բան ավելացնել, բայց խոսք չգտավ։
 +
 +
— Այնուամենայնիվ շփոթվեց, ես այդպես էլ սպասում էի,— հանկարծ իշխանի ականջին շշնջաց Եվգենի Պ ավլովիչը։— Բայց դա վտանգավոր է, չէ՞։ Ամենաճիշտ նշանն է, որ հիմա, չարությունից, մի այնպիսի արտառոց բան կանի, որ նույնիսկ Լիզավետա Պրոկոֆևնան չի դիմանա։
 +
 +
Իշխանը հարցական նայեց նրան։
 +
 +
― Դուք արտառոց բաներից չե՞ք վախենում,— ավելացրեց Եվգենի Պավլովիչը։— Ես էլ նույնպես, նույնիսկ ցանկանում եմ․ իսկապես ասած, ես ուզում եմ նրա համար միայն, որ մեր սիրելի Լիզավետա Պրոկոֆևնան պատժվի, և անպայման հենց այսօր, հենց հիմա, առանց այդ նույնիսկ գնալ չեմ ուզում։ Դուք, կարծես, տենդ ունեք։
 +
 +
— Հետո, մի խանգարեք։ Այո, ես տկար եմ,— մտացրիվ և նույնիսկ անհամբեր պատասխանեց իշխանը։ Նա լսել էր իր անունը։ Իպոլիտը խոսում էր նրա մասին։
 +
 +
— Դուք չե՞ք հավատում,— հիստերիկ ծիծաղում էր Իպոլիտը,— այդպես էլ պետք է լինի, իսկ իշխանը միանգամից կհավատա և ամենևին չի զարմանա։
 +
 +
— Լսո՞ւմ ես, իշխան,— դեպի նա շրջվեց Լիզավետա Պրոկոֆևնան,— լսո՞ւմ ես։
 +
 +
Բոլորը ծիծաղում էին։ Լեբեդևն իրար անցած առաջ էր ընկնում և պտույտ էր գալիս ուղղակի Լիզավետա Պրոկոֆևնայի առջև։
 +
 +
— Նա ասում է, որ ահա այս կոտրատվանը՝ քո տանտերն է ուղղել... այն պարոնի հոդվածը, այ որ քիչ առաջ քո մասին կարդացին։
 +
 +
Իշխանը զարմանքով նայեց Լեբեդևին։
 +
 +
— Ի՞նչ ես լռել,— նույնիսկ ոտքը դոփեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 +
 +
— Ի՞նչ ասեմ,— քրթմնջաց իշխանը,— շարունակելով ուշադիր դիտել Լեբեդևին,— ես արդեն տեսնում եմ, որ նա է ուղղել։
 +
 +
— Ճի՞շտ է,— արագ շրջվեց Լիզավետա Պրոկոֆևնան դեպի Լեբեդևը։
 +
 +
— Միանգամայն ճիշտ, ձերդ գերազանցություն,— հաստատ ու անվարան պատասխանեց Լեբեդևը, ձեռքը սրտին դնելով։
 +
 +
— Կարծես պարծենում էլ է,― քիչ մնաց աթոռից վեր թռչեր Լիզավետա Պրոկոֆևնան։
 +
 +
— Ստոր եմ, ստոր եմ,— մրթմրթաց Լեբեդևը, կուրծքը ծեծելով և ավելի ու ավելի ցած կախելով գլուխը։
 +
 +
— Ինձ ի՞նչ, որ ստոր ես։ Նա կարծում է, որ եթե ասի՝ ստոր եմ, դրանով դուրս կպրծնի։ Եվ ամոթ չէ՞ քեզ, իշխան, այսպիսի մարդուկների հետ գործ ունենալ, մի անգամ էլ եմ ասում։ Երբեք չեմ ների քեզ։
 +
 +
— Ինձ կների իշխանը,— համոզված ու սրտաշարժված ասաց Լեբեդևը։
 +
 +
— Սոսկ ազնվությունից,— բարձր ու զրնգուն հանկարծ խոսել սկսեց Կելլերը՝ մոտ թռչելով և դիմելով ուղղակի Լիզավետա Պրոկոֆևնային,— սոսկ ազնվությունից, տիկին, և որպեսզի չմատնեմ անվանարկված բարեկամիս, ես քիչ առաջ թաքցրեցի ուղղումների մասին, չնայած որ հենց ինքն էր առաջարկում մեզ վռնդել, ինչպես ինքներդ բարեհաճեցիք լսել։ Ճշմարտությունը վերականգնելու համար խոստովանում եմ, որ ես ինքս դիմել եմ նրան, որպես տեղյակ մարդու, վեց ռուբլով, բայց բոլորովին ոչ ոճի, այլ իսկն ասած, մեծ մասամբ, ինձ անհայտ փաստերն իմանալու համար։ Շտիբլետների մասին, շվեյցարացի պրոֆեսորի մոտ եղած ժամանակ նրա ախորժակի մասին, հիսուն ռուբլու մասին երկու հարյուր հիսունի փոխարեն, մի խոսքով, այդ ամբողջ խմբավորումը, այդ ամենը պատկանում է նրան, վեց ռուբլու դիմաց, բայց ոճը չեն ուղղել։
 +
 +
— Ես պետք է նկատեմ,— տենդոտ անհամբերությամբ և մի տեսակ սողուն տոնով ընդհատեց նրան Լեբեդևը, ավելի ու ավելի տարածվող ծիծաղի ներքո,— որ ես ուղղել եմ հոդվածի միայն առաջին մասը, բայց քանի որ մեջտեղում համաձայնության չեկանք և մի մտքի առթիվ գժտվեցինք, ապա ես երկրորդ կեսը այլևս չուղղեցի, այնպես որ, այնտեղ ինչ որ անգրագետ է (իսկ այնտեղ անգրագետ է), այդ ինձ չպետք է վերագրել։
 +
 +
— Այ թե ինչի մասին է հոգում նա,— բացականչեց Լիզավետա Պրոկոֆևնան։ .
 +
 +
— Թույլ տվեք հարցնել,— դիմեց Եվգենի Պավլովիչը Կելլերին,— ե՞րբ եք ուղղել հոդվածը։
 +
 +
— Երեկ առավոտյան,— միապաղաղ ու անարտահայտիչ ասաց Կելլերը,— մենք տեսակցություն ունեցանք, ազնիվ խոսք տալով իրար՝ գաղտնիքը պահել երկու կողմից էլ։
 +
 +
— Այսինքն՝ այն ժամանակ, երբ նա սողում էր քո առաջ և քեզ համոզում իր անձնվիրությունը։ Ա՜յ թե մարդուկներ են։ Ինձ պետք չի քո Պուշկինը, և աղջիկդ էլ թող ինձ մոտ չերևա։
 +
 +
Լիզավետա Պրոկոֆևնան ուզեց վեր կենալ, բայց հանկարծ գրգռված դիմեց ծիծաղող Իպոլիտին։
 +
 +
— Ի՞նչ է, սիրելիս, մտքումդ դրել էիր ինձ ծաղրի առարկա՞ դարձնել այստեղ։
 +
 +
— Աստվա՜ծ չանի,— ծուռ ժպտաց Իպոլիտը,— բայց ինձ ամենից ավելի զարմացնում է ձեր արտակարգ տարօրինակությունը, Լիզավետա Պրոկոֆևնա. խոստովանում եմ, ես դիտմամբ խոսք բացեցի Լեբեդևի մասին, ես գիտեի, թե ինչպես կազդի ձեզ վրա, միայն ձեզ վրա, որովհետև իշխանն իրոք կների և հավանաբար արդեն ներել է... նույնիսկ, գուցե, մտքում ներումն է գտել. ախր այդպես է, ճիշտ չէ՞, իշխան։
 +
 +
Նա շնչահեղձ էր լինում, նրա տարօրինակ հուզմունքն աճում էր արտասանած ամեն մի բառի հետ։
 +
 +
— Հետո՞,— ցասկոտ ասաց Լիզավետա Պրոկոֆևնան, զարմանալով նրա խոսելաձևից,— հետո՞։
 +
 +
— Ձեր մասին ես արդեն շատ եմ լսել, նույն ոգով․․․ մեծ ուրախությամբ․․․ սովորել եմ չափազանց հարգել ձեզ,— շարունակեց Իպոլիտը։
 +
 +
Նա ասում էր մի բան, բայց կարծես իր այդ խոսքերով ուզում էր բոլորովին այլ բան ասել։ Խոսում էր ծաղրի երանգով և միաժամանակ հուզվում էր չափից ավելի, կասկածամտորեն նայում շուրջը, ըստ երևույթին շփոթվում և իրեն կորցնում էր ամեն մի խոսքի հետ, այնպես որ այդ ամենը, նրա հյուծախտավոր տեսքի և տարօրինակ, փայլատակող և կարծես թե մոլեգնած հայացքի հետ, ակամա շարունակում էր իր վրա ուշադրություն գրավել։
 +
 +
— Ես կզարմանայի, ի դեպ, բոլորովին ծանոթ չլինելով բարձր հասարակությանը (ես այդ խոստովանում եմ), որ ոչ միայն դուք ինքներդ մնացիք մեր քիչ առաջվա կամպանիայի ներկայությամբ, որը ձեզ համար անվայելուչ էր, այլև թողիք այս... օրիորդներին ունկնդրելու մի խայտառակ գործի, չնայած նրանք արդեն ամեն ինչ կարդացել են վեպերում։ Ես, ասենք, գուցե և չգիտեմ... որովհետև շփոթվում եմ, բայց համենայն դեպս, բացի ձեզանից ո՞վ կարող էր մնալ... մի տղեկի խնդրանքով (այո, տղեկի, ես նորից խոստովանում եմ), նրա հետ երեկոն անցկացնելու և... ամեն ինչին մասնակից լինելու... որպեսզի հաջորդ օրը ամոթ զգա․․․ (ես, ասենք, համաձայն եմ, որ այնպես չեմ արտահայտվում), ես այդ ամենը չափազանց գովում և խորապես հարգում եմ, թեև արդեն նորին գերազանցության՝ ձեր ամուսնու միայն դեմքից երևում է, թե որքան տհաճ է այս ամենը նրա համար... Հի՛֊հի՛,— քրքջաց նա, բոլորովին խճճվելով, և հանկարծ սկսեց այնպես հազալ, որ մոտ երկու րոպե չէր կարողանում շարունակել խոսքը։
 +
 +
― Նույնիսկ շունչը կտրվեց,— սառն ու կտրուկ արտասանեց Լիզավետա Պրոկոֆևնան, խստաշունչ հետաքրքրությամբ դիտելով նրան.— գե, սիրելի տղեկ, հերիք է քեզ հետ։ Ժամանակն է։
 +
 +
— Թույլ տվեք ինձ, ողորմած պարոն, իմ կողմից նկատել ձեզ,— հանկարծ գրգռված խոսել սկսեց Իվան Ֆյոդորովիչը, որը կորցրել էր վերջին համբերությունը,— որ իմ կինը այստեղ մեր ընդհանուրի բարեկամ և հարևան իշխան Լև Նիկոլաևիչի տանն է գտնվում, և, որ, համենայն դեպս, երիտասարդ, դուք չէ, որ պիտի դատեք Լիզավետա Պրոկոֆևնայի արարքների մասին, ինչպես նաև բարձրաձայն և երեսիս ասեց, թե ինչ է արտահայտում իմ դեմքը։ Այո-ո։ Եվ եթե իմ կինը մնաց այստեղ,— շարունակում էր նա ավելի ու ավելի գրգովելով դրեթե ամեն մի խոսքից,— ապա ավելի շուտ, պարոն, զարմանքից և տարօրինակ երիտասարդներին տեսնելու բոլորի համար հասկանալի՝ ժամանակակից հետաքրքրասիրությունից։ Ես ինքս էլ մնացի, ինչպես երբեմն կանգ եմ առնում փողոցում, երբ տեսնում եմ որևէ բան, որին կարելի է նայել ինչպես... ինչպես... ինչպես...
 +
 +
— Ինչպես հազվագյուտ բանի,— հուշեց Եվգենի Պավլովիչը։
 +
 +
— Հիանալի է և ուղիղ,— ուրախացավ նորին գերազանցությունը, որը մի քիչ խճճվել էր համեմատության մեջ,— հենց ինչպես հազվագյուտ բանի։ Բայց համենայն դեպս ինձ համար ամենից զարմանալին և նույնիսկ վշտացնելին, եթե միայն քերականորեն կարելի է այսպես արտահայտվել, այն է, որ դուք, երիտասարդ, նույնիսկ այն չկարողացանք հասկանալ, որ Լիզավետա Պրոկոֆևնան հիմա ձեզ հետ մնաց նրա համար, որ դուք հիվանդ եք,— եթե միայն իրոք որ դուք մեռնում եք,— այսպես ասած, կարեկցությունից, ձեր խղճալի խոսքերի համար, պարոն, և որ ոչ մի կեղտ ոչ մի դեպքում չի կարող կպչել նրա անվանը, հատկություններին և ունեցած նշանակությանը․․․ Լիզավետա Պրոկոֆևնա,— եզրափակեց կարմրատակած գեներալը,— եթե ուզում ես գնալ, հրաժեշտ տանք մեր բարի իշխանին և․․․
 +
 +
— Շնորհակալ եմ ձեզնից դասի համար, գեներալ,— լուրջ և անսպասելի ընդմիջեց Իպոլիտը, մտախոհ նայելով նրան։
 +
 +
— Դե գնանք, maman, սա դեռ երկա՞ր պիտի տևի,— անհամբեր ու ցասկոտ արտասանեց Ագլայան, վեր կենալով աթոռից։
 +
 +
— Եվս երկու րոպե, սիրելի Իվան Ֆյողորովիչ, եթե թույլ կտաս,— արժանապատվությամբ շրջվեց դեպի ամուսինը Լիզավետա Պրոկոֆևնան,— ինձ թվում է, նա ամբողջովին տենդի մեջ է և ուղղակի զառանցում է. ես դրանում համոզված եմ, դատելով աչքերից, նրան այսպես թողնել չի կարելի։ Լև նիկոլաևիչ, կարո՞ղ է նա քեզ մոտ գիշերել, որպեսզի այսօր Պետերբուրգ քարշ չտային նրան։ Cher prince, դուք ձանձրանո՞ւմ եք,— չգիտես ինչու հանկարծ դիմեց նա իշխան Շչ֊ին։― Եկ այստեղ, Ալեքսանդրա, մազերդ ուղղիր, սիրելիս։
 +
 +
Նա ուղղեց աղջկա մազերը, որոնք ուղղելու կարիք չունեին, և համբուրեց նրան. հենց միայն դրա համար էր կանչել։
 +
 +
— Ես ձեզ համարում էի զարգացման ընդունակ...— նորից սկսեց խոսել Իպոլիտը, սթափվելով իր մտախոհությունից։— Հա, ահա թե ինչ էի ուզում ասել,― ուրախացավ նա, կարծես հանկարծ հիշելով,— ահա Բուրդովսկին անկեղծորեն ուզում է պաշտպանել իր մորը, ճիշտ չէ՞։ Բայց այնպես է ստացվում, որ հենց ինքն է խայտառակում։ Ահա իշխանն ուզում է օգնել Բուրդովսկուն, մաքուր սրտով նրան առաջարկում է իր քնքուշ բարեկամությունն ու դրամը և, թերևս, ձեր բոլորիդ մեջ միայն նա է, որ զզվանք չի զգում Բուրդովսկու նկատմամբ, և ահա հենց նրանք էլ իրար դեմ կանգնած են ինչպես իսկական թշնամիներ... Հա՛-հա՛-հա՛։ Դուք բոլորդ Բուրդովսկուն ատում եք նրա համար, որ նա, ձեր կարծիքով, մոր հետ վարվում է տգեղ և ոչ նրբավարի, այդպես է, չէ՞, այդպե՞ս է, այդպե՞ս է։ Ախր դուք բոլորդ անասելի սիրում եք ձևերի գեղեցկությունն ու նրբությունը, միայն դրանց եք պաշտպան կանգնում, ճիշտ չէ՞։ (Ես վաղուց էի կասկածում, որ միայն դրանց)։ Դե, իմացեք ուրեմն, որ թերևս ձեզանից ոչ մեկը այնպես չի սիրել իր մորը, ինչպես Բուրդովսկին։ Դուք, իշխան, ես գիտեմ, որ Գանեչկայի հետ թաքուն փող եք ուղարկել Բուրդովսկու մորը, և ահա, գրազ կգամ (հի՛֊հի՛֊հի՛,— հիստերիկորեն քրքջում էր նա), գրազ կգամ, որ հենց Բուրդովսկին էլ ձեզ կմեղադրի անքաղաքավարի ձևի և իր մոր նկատմամբ անհարգալից լինելու մեջ, աստված վկա, այդպես է, հա՜-հա՜-հա՜։
 +
 +
Այստեղ նա նորից շնչակտուր եղավ և սկսեց հազալ։
 +
 +
— Դե, պրծա՞ր։ Հիմա ամեն ինչ, ամեն ինչ ասացի՞ր։ Դե հիմա գնա քնելու, դու տենդ ունես,― անհամբերությամբ ընդհատեց Լիզավետա Պրոկոֆևնան, որը նրանից չէր կտրում իր անհանգիստ հայացքը։— Ախ, աստված։ Նա դեռ խոսում էլ է։
 +
 +
— Դուք կարծես ծիծաղո՞ւմ եք։ Ի՞նչ եք շարունակ ծիծաղում ինձ վրա։ Ես նկատեցի, որ դուք շարունակ ծիծաղո՞ւմ էիք ինձ վրա,— անհանգիստ ու գրգռված դիմեց նա հանկարծ Եվգենի Պավլովիչին. նա իրոք ծիծաղում էր։
 +
 +
— Ես միայն ուզում էի հարցնել ձեզ, պարոն... Իպոլիտ... ներեցեք, ես մոռացա ձեր ազգանունը։
 +
 +
— Պարոն Տերենտև,— ասաց իշխանը։
 +
 +
— Այո, Տերենտև, շնորհակալություն, իշխան, այն ժամանակ ասացիք, բայց մտքիցս թռավ... ես ուզում էի ձեզ հարցնել, պարոն Տերենտև, արդյոք ճի՞շտ եմ լսել, որ դուք այն կարծիքին եք, որ բավական է քառորդ ժամ լուսամուտի առաջ կանգնած խոսեք ժողովրդի հետ և նա իսկույն ամեն բանում համաձայն կլինի ձեզ հետ և անմիջապես կգն ձեր հետևից։
 +
 +
— Շատ հնարավոր է, որ ասել եմ․․․— պատասխանեց Իպոլիտը, կարծես ինչ֊որ բան մտաբերելով,— անպայման ասել եմ,— ավելացրեց նա հանկարծ, կրկին աշխուժանալով և հաստատուն նայելով Եվգենի Պավյովիչին,— դրանո՞վ ինչ։
 +
 +
― Ոչինչ, ես միայն ի գիտություն, որպեսզի լրացնեմ։
 +
 +
Եվգենի Պավլովիչը լռեց, բայց Իպոլիտը անհամբեր սպասումով դեռ շարունակում էր նրան նայել։
 +
 +
— Դե, վերջացրի՞ր, ինչ է,— դիմեց Լիզավետա Պրոկոֆևնան Եվգենի Պավլովիչին,— շուտ արա, վերջացրու, նրա քնելու ժամանակն է։ Թե՞ չես կարող։ (Նա սոսկալի զայրացած էր)։
 +
 +
— Ես, թերևս, շատ էլ դեմ չեմ ավելացնելու,— ժպտալով շարունակեց Եվգենի Պավլովիչը,— որ այն ամենը, ինչ լսեցի ձեր ընկերներից, պարոն Տերենտև, և այն ամենը, ինչ շարադրեցիք հիմա դուք, և այնպիսի աներկբա տաղանդով, իմ կարծիքով հանգում է իրավունքի հաղթանակման տեսությանը, ամենից առաջ և անկախ ամեն բանից, և նույնիսկ բացառելով մնացյալ ամեն ինչ, և գուցե նույնիսկ նախքան հետաքննելը, թե ինչումն է կայանում իրավունք ասածդ։ Գուցե ես սխալվո՞ւմ եմ։
 +
 +
— Իհարկե սխալվում եք, ես նույնիսկ չեմ հասկանում ձեզ... հետո՞։
 +
 +
Անկյունից նույնպես դժգոհություն լսվեց։ Լեբեդևի ազգականը կիսաձայն ինչ-որ բան փնթփնթաց։
 +
 +
— Դե համարյա ուրիշ ոչինչ,— շարունակեց եվգենի Պավլովիչը,— ես միայն ուզում եմ նկատել, որ դրանից բանը կարող է թռչել ուղղակի ուժի իրավունքին, այսինքն՝ առանձնակի բռունցքի ուժի իրավունքին և անձնական ցանկությանը, ինչով, ի դեպ, շատ հաճախ վերջացել է աշխարհում։ Պրուդոնը կանգ չառա՞վ ուժի իրավունքի վրա։ Ամերիկյան պատերազմի ժամանակ ամենաառաջավոր լիբերալներից շատ շատերը իրենց հայտարարեցին պլանտատորների կողմնակիցներ, այն իմաստով, որ նեգրը նեգր է, սպիտակ ցեղից ստոր, և, ուրեմն, նշանակում է, ուժի իրավունքը սպիտակինն է...
 +
 +
— Է՞։
 +
 +
— Այսինքն, նշանակում է, դուք չե՞ք ժխտում ուժի իրավունքը։
 +
 +
— Հետո՞։
 +
 +
— Դուք ուղղակի կոնսեքվենտ եք. ես կուզենայի միայն նշել, որ ուժի իրավունքից մինչև վագրերի և կոկորդիլոսների իրավունքը և նույնիսկ մինչև Դանիլովը և Գորսկին հեռու չէ։
 +
 +
— Չգիտեմ. հետո՞։
 +
 +
Իպոլիտը հազիվ էր լսում Եվգենի Պավլովիչին, որին եթե ասում էլ էր՝ ''է՞'' և ''հետո՞'', ապա, թվում է, ավելի շուտ խոսելիս առաջուց յուրացրած սովորության համաձայն, և ոչ թե ուշադրությունից և հետաքրքրությունից դրդված։
 +
 +
— Հետո՝ ոչինչ... այսքանը։
 +
 +
— Ասենք, ես ձեզնից չեմ նեղանում,— բոլորովին անսպասելի եզրակացրեց Իպոլիտը և, հազիվ թե գիտակցելով, ձեռքը պարզեց, նույնիսկ ժպտալով։ Եվգենի Պավլովիչը սկզբում զարմացավ, բայց ամենալուրջ տեսքով շոշափեց իրեն պարզած ձեռքը, կարծես թե ընդունելիս լիներ ներումը։
 +
 +
— Չեմ կարող չավելացնել,— ասաց նա նույն երկդիմի հարգալիր տոնով,— իմ շնորհակալությունն այն ուշադրության համար, որով ինձ թույլ տվիք խոսելու, որովհետև, համաձայն իմ բազմաթիվ դիտումների, մեր լիբերալը երբեք ի վիճակի չէ թույլ տալու, որ որևէ մեկը իր հատուկ համոզմունքն ունենա և չի կարող իր ընդդիմախոսին անմիջապես չպատասխանել հայհոյանքով կամ որևէ ավելի վատ բանով․․․
 +
 +
— Այդ դուք միանգամայն ճիշտ եք ասում,— նկատեց գեներալ Իվան Ֆյոդորովիչը և ձեռքերը մեջքին դարսելով, ամենաձանձրացած տեսքով պատշգամբից ետ քաշվեց դեպի ելքը, որտեղ զայրույթից նույնիսկ հորանջեց։
 +
 +
— Դե, բավական է, հերս,— հանկարծ հայտարարեց Եվգենի Պավլովիչին Լիզավետա Պրոկոֆևնան,— ձանձրացրիք ինձ...
 +
 +
— Ժամանակն է,— մտահոգ և գրեթե վախեցած տեղից վեր կացավ հանկարծ Իպոլիտը, շփոթված նայելով շուրջը․— ես ուզում էի ձեզ ասել ամեն ինչ․․․ ես կարծում էի, որ ամեն ինչ... վերջին անգամ․․․ դա ֆանտազիա էր...
 +
 +
Երևում էր, որ նա աշխուժանում էր պոռթկումներով, գրեթե իսկական զառանցանքից սթափվում էր հանկարծ, մի քանի ակնթարթ, լիակատար գիտակցությամբ հանկարծ մտաբերում ու խոսում էր, մեծ մասամբ գուցե հիվանդության երկարուձիգ, տաղտկալի ժամերին, մահճակալին պառկած, միայնության մեջ, անքնության պահերին վաղուց արդեն մտածած ու սերտած պարբերություններով։
 +
 +
— Դե, մնաք բարով,— կտրուկ ասաց նա հանկարծ։ — Կարծում եք, ինձ համար հե՞շտ է ձեզ մնաք բարով ասելը։ Հա՜֊հա՜,— սրտնեղած քմծիծաղ տվեց նա իր անհարմար հարցերից և հանկարծ, ասես զայրանալով, որ իրեն շարունակ չի հաջողվում ուզածն ասել, բարձրաձայն ու գրգռված ասաց,— Զերդ գերազանցությունւ Պատիվ ունեմ խնդրելու ձեզ, որ բարեհաճեք գալ իմ թաղմանը, եթե միայն կարժաացնեք այդ պատվին և... բոլորիդ, պարոնայք, գեներալի հետ...
 +
 +
Նա նորից ծիծաղեց, բայց դա արդեն խելագարի ծիծաղ էր։ Լիզավետա Պրոկոֆևնան վախեցած շարժվեց դեպի նա և բռնեց նրա ձեռքից։ Իպոլիտը նայում էր Լիզավետա Պրոկոֆևնային նույն ծիծաղով, որը, սակայն, արդեն չէր շարունակվում, այլ դադարել էր ու քարացել նրա դեմքին։
 +
 +
— Գիտե՞ք արդյոք, որ ես այստեղ եկա, որպեսզի ծառ տեսնեմ։ Ահա այս ծառերը... (նա ցույց տվեց պուրակի ծառերը)։ Դա հո ծիծաղելի չէ, հը՞։ Այստեղ ոչ մի ծիծաղելի բան չկա, այնպես չէ՞,— լրջորեն հարցրեց նա Լիզավետա Պրոկոֆևնային և հանկարծ մտքերի մեջ ընկավ․ հետո, մի վայրկյան անց, գլուխը բարձրացրեց և աչքերով հետաքրքրությամբ սկսեց որոնել ամբոխի մեջ։ Նա որոնում էր Եվգենի Պավլովիչին, որ կանգնած էր շատ մոտիկ, աջ կողմում, նույն տեղում, ինչպես առաջ, բայց Իպոլիտն արդեն մոռացել էր և որոնում էր չորս կողմում։— Ա՜, դուք չեք, գնացել,— վերջապես զտավ նրան,— դուք քիչ առաջ շարունակ ծիծաղում էիք, որ ես լուսամուտի առաջ կանգնած ուզում էի քառորդ ժամ խոսել... Իսկ գիտե՞ք, որ ես տասնութ տարեկան չեմ, ես այնքան եմ պառկել այդ բարձին, և այնքան եմ դուրս նայել այդ լուսամատից, և այնքան եմ մտածել բոլորի մասին... որ․․․ Մեռելը տարիք չի ունենում, դուք գիտեք։ Ես դեռ անցյալ շաբաթ մտածեցի այդ մասին, երբ գիշերն արթնացա․․․ իսկ գիտե՞ք, թե ամենից ավելի ինչից եք վախենում դուք, թեպետև արհամարհում եք մեզ։ Ես դա նույնպես, հենց այն ժամանակ բարձին պառկած մտածեցի գիշերը․․․ Դուք կարծում եք, թե քիչ առաջ ես ուզում էի ծիծաղե՞լ ձեզ վրա։ Լիզավետա Պրոկոֆևնա։ Ոչ, ես չէի ծիծաղում ձեզ վրա, ես միայն գովել էի ուզում․․․ Կոլյան ասում էր, որ իշխանը ձեզ մանուկ է անվանել... դա լավ է... Հա, էն ի՞նչ էր․․․ մի մի բան էի ուզում ասել․․․
 +
 +
Նա դեմքը ծածկեց ձեռքերով և մտասուզվեց։
 +
 +
― Ահա թե ինչ, երբ քիչ առաջ հրաժեշտ էի տալիս, հանկարծ մտածեցի․ ահա այս մարդիկ, և էլ երբեք նրանք չեն լինի, էլ երբեք։ Եվ ձառերը նույնպես, միայն աղյուսե պատը կլինի, կարմիր, Մեյերի տան պատը․․․ իմ լուսամուտի դիմաց... դե, հապա ասա նրանց այդ մասին․․․ փորձիր, ասա․ ահա գեղեցկուհին... չէ՞ որ դու մեռած ես, քեզ ներկայացրու իբրև մեռել, ասա, որ «մեռելին թույլատրելի է ամեն ինչ ասել»․․․ և որ իշխանուհի Մարիա Ալեքսևնան չի բարկանա, հա՜֊հա՜։— Դուք հո չե՞ք ծիծաղում,— թերահավատությամբ հայացքը հածեց նա շուրջը։— Իսկ գիտե՞ք, որ բարձի վրա շատ մտքեր են անցել գլխովս․․․ Գիտե՞ք, ես համոզվեցի, որ բնությունը շատ ծաղրասեր է․․․ Դուք քիչ առաջ ասացիք, որ ես աթեիստ եմ, բայց գիտե՞ք, որ դա բնությունն է․․․ էլի ինչո՞ւ եք ծիծաղում։ Դուք սարսափելի դաժան եք,— տխուր վրդովմունքով արտասանեց նա հանկարծ նայելով բոլորին,— ես Կոլյային չեմ փչացրել,— ավարտեց նա բոլորովին այլ եղանակով, լուրջ և համոզված, կարծես թե նույնպես հանկարծ հիշելով։
 +
 +
— Այստեղ ոչ ոք, ոչ ոք չի ծիծաղում քեզ վրա, հանդարտվիր,— գրեթե տանջվում էր Լիզավետա Պրոկոֆևնան,— վաղը նոր բժիշկ կգա, այն մյուսր սխալվել է։ Դե նստիր, ախր ոտքի վրա կանգնել չես կարող։ Զառանցում ես... Ախ, հիմա սրան ի՞նչ անեմ,— իրար էր անցել նա, Իպոլիտին նստեցնելով բազկաթոռին։ Մի արցունքի կաթիլ փայլեց նրա այտին։
 +
 +
Իպոլիտը կանգ առավ գրեթե շանթահար, ձեռքը բարձրացրեց, երկյուղածությամբ մեկնեց այն և դիպցրեց այդ արցունքի կաթիլին։ Նա ժպտաց ինչ-որ մանկական ժպիտով։
 +
 +
— Ես... ձեզ...— սկսեց խոսել նա խնդագին,— դուք չգիտեք, թե ես ձեզ ինչպես եմ․․․ նա միշտ այնպիսի հիացմունքով էր խոսում ձեր մասին, ահա սա, Կոլյան․․․ ես սիրում եմ նրա հիացմունքը։ Ես նրան չեմ փչացրել։ Ես հենց միայն նրան եմ թողնում... Ես ուզում էի բոլորին թողնել, բոլորին, բայց ոչ ոք չկար, չկար ոչ ոք։ Ես ուզում էի գործիչ լինել, ես իրավունք ունեի․․․ Օ, որքան շատ էի ուզում։ Ես հիմա ոչինչ չեմ ուզում, ոչինչ չեմ ուզում ուզել, ես ինձ այպիսի խոսք եմ տվել, որ այլևս ոչինչ չուզեմ. թող, թող առանց ինձ որոնեն ճշմարտությունը։ Այո, բնությունը ծաղրասեր է։ Ինչո՞ւ է նա,— հանկարծ ասաց նա եռանդով,— ինչո՞ւ է նա ստեղծում ամենալավ էակներին, որպեսզի հետո ձեռ առնի նրանց։ Չէ՞ որ նա այնպես արավ, որ միակ էակը, որին երկրի վրա ընդունեցին որպես կատարելություն... ախր այնպես արավ, որ, նրան ցույց տալով մարդկանց, հենց նրան էլ նշանակեց ասելու այն, հանուն ինչի այնքան արյուն թափվեց, որ եթե այդ ամբողջը թափվեր միանգամից, ապա հավանաբար մարդիկ կխեղդվեին։ Օ, լավ է, որ ես մեռնում եմ։ Երեի ես էլ մի սարսափելի սուտ կասեի, բնությունը այնպես կնենգեր... Ես ոչ ոքի չեմ փչացրել․․․ Ես ուզում էի ապրել բոլոր մարդկանց երջանկության համար, ճշմարտությունը հայտնագործելու և ազդարարելու համար․․․ Ես լուսամուտից նայում էի Մեյերի պատին և մտածում էի միայն քառորդ ժամ խոսել և բոլորին, բոլորին համոզել, բայց լոկ մի անգամ հանդիպեցի... ձեզ, եթե ոչ մարդկանց, և ահա ի՞նչ ստացվեց։ Ոչինչ։ Ստացվեց, որ դուք ինձ արհամարհում եք։ Նշանակում է՝ հարկավոր չեմ, նշանակում է՝ հիմար եմ, նշանակում է՝ ժամանակն է։ Եվ ախր ոչ մի հուշ չկարողացա թողնել։ Ոչ մի հնչյուն, ոչ մի հետք, ոչ մի գործ, չտարածեցի ոչ մի համոզմունք... Մի ծիծաղեք հիմարիս վրա։ Մոռացեք։ Մոռացեք բոլորդ... Մոռացեք, խնդրում եմ, այդքան դաժան մի եղեք։ Գիտե՞ք արդյոք, որ եթե այս թոքախտը չպատահեր, ես ինքս կսպանեի ինձ...
 +
 +
Նա կարծես դեռ շաա բան էր ուզում ասել, բայց չավարտեց, նետվեց բազկաթոռին, դեմքը ծածկեց ձեռքերով և լաց եղավ փոքրիկ երեխայի նման։
 +
 +
— Դե հիմա ի՞նչ կհրամայեք անել սրան,— բացականչեց Լիզավետա Պրոկոֆևնան, թռավ նրա մոտ, բռնեց նրա գլուխը և պինդ֊պինդ սեղմեց կրծքին։ Իպոլիտը հեկեկում էր ջղաձգաբար։— Դե-դե-դե։ Դե, մի լար, դե բավական է, դու բարի տղա ես, քեզ աստված կների քո անգիտության համար, դե, հերիք է, արի եղիր․․․ համ էլ հետո կամաչես...
 +
 +
— Ես այնտեղ,— ասում էր Իպոլիտը, ճգնելով գլուխը բարձրացնել,― ես այնտեղ եղբայր ու քույրեր ունեմ, փոքրիկ երեխաներ, խեղճ, անմեղ... ''Նա'' կփչացնի նրանց։ Դուք սուրբ եք, դուք... ինքներդ երեխա եք, փրկեցեք նրանց, պոկեցեք նրանց այդ․․․ կնոջից... նա... ամոթ... օ, օգնեցեք նրանց, օգնեցեք, աստված ձեզ հարյուրապատիկը կհատուցի, ի սեր աստծո, ի սեր Քրիստոսի...
 +
 +
— Դե վերջապես ասացեք, Իվան Ֆյոդորովիչ։ Հիմա ի՞նչ անենք,― գրգռված բղավեց Լիզավետա Պրոկոֆևնան,— շնորհ արեք, ընդհատեցեք ձեր վեհ լռությունը։ Եթե դուք չվճռեք, ապա թող հայտնի լինի ձեզ, որ ես ինքս եմ մնում այստեղ գիշերելու. բավական է, որքան բռնացել եք ինձ վրա ձեր ինքնիշխանությամբ։
 +
 +
Լիզավետա Պրոկոֆևնան հարցնում էր խանդավառված ու ցասկոտ և սպասում էր անհապաղ պատասխանի։ Բայց նման դեպքերում ներկաները, եթե նույնիսկ նրանք շատ են, մեծ մասամբ պատասխանում են լռությամբ, կրավորական հետաքրքրությամբ, չուզենալով ոչ մի բան վերցնել իրենց վրա և իրենց մտքերն արտահայտում են արդեն շատ ժամանակ անց։ Ներկաների թվում կային և այնպիսիները, որոնք պատրաստ էին այստեղ նստել թեկուզ մինչև առավոտ, առանց մի բառ արտասանելու. օրինակ, Վարվառա Արդալիոնովնան, որն ամբողջ երեկո նստել էր մեկուսի, լռում էր և ականջ դնում արտասովոր հետաքրքրությամբ, թերևս դրա համար ունենալով նաև իր պատճառները։
 +
 +
— Իմ կարծիքն այն է, բարեկամս,— արտահայտվեց գեներալը,— որ այստեղ հիմա հարկավոր է, այսպես ասած, ավելի շուտ, հիվանդապահ կին, քան մեր հուզմունքը, և, թերևս, բարեհույս, զգաստ մարդ գիշերվա համար։ Համենայն դեպս, հարցնել իշխանին և... անմիջապես հանգիստ տալ։ Իսկ վաղը կարելի է նորից մասնակից լինել։
 +
 +
— Հիմա ժամը տասներկուսն է, մենք գնում ենք։ Նա գալի՞ս է մեզ հետ, թե՞ մնում է ձեր տանը,— գրգռված ու բարկացած դիմեց Դոկտորենկոն իշխանին։
 +
 +
— Եթե ուզում եք, դուք էլ մնացեք նրա մոտ,— ասաց իշխանը,― տեղ կլինի։
 +
 +
— Ձերդ գերազանցություն,― անսպասելի և ոգևորված՝ գեներալի մոտ թռավ պարոն Կելլերը,— եթե գիշերը պահանջվում է գոհացուցիչ մարդ, ես պատրաստ եմ զոհաբերել ընկերոջս համար... դա մի այնպիսի՜ հոգի է։ Ես վաղուց արդեն նրան համարում եմ մեծ մարդ, ձե՛րդ գերազանցություն։ Ես, իհարկե, անփույթ եմ եղել կրթությանս նկատմամբ, բայց երբ նա քննադատում է, ախր դրանք մարգարիտնե՜ր, մարդարիտնե՜ր են թափվում, ձերդ գերազանցություն...
 +
 +
Գեներալը հուսաբեկ շրջվեց։
 +
 +
— Ես շատ ուրախ կլինեմ, եթե մնա. իհարկե, նրա համար դժվար է գնալը,— հայտարարում էր իշխանը ի պատասխան Լիզավետա Պրոկոֆևնայի գրգռված հարցերի։
 +
 +
— Դու քնա՞ծ ես, ինչ է։ Եթե չես ուզում, հերս, ես նրան ինձ մոտ կփոխադրեմ։ Տե՜ր աստված, ախր սա ինքն էլ հազիվ է ոտքի վրա կանգնում։ Հիվա՞նդ ես, ինչ է։
 +
 +
Այն ժամանակ Լիզավետա Պրոկոֆևնան, իշխանին չգտնելով մահվան մահճում, սաստիկ չափազանցրել էր նրա առողջական վիճակի բավարարությունը, դատելով արտաքին տեսքից, բայց նոր անցկացրած հիվանդությունը, դրան զուգակցվող ծանր հիշողությունները, հոգսաշատ երեկոյի հոգնությունը, «Պավլիշչևի որդու» դեպքը, Իպոլիտի հետ կապված հիմիկվա դեպքը, այդ բոլորը իրոք գրգռել էր իշխանի հիվանդ դյուրազգացությունը, նրան հասցնելով գրեթե տենդային վիճակի։ Բայց, բացի դրանից, նրա աչքերում հիմա էլի մի ուրիշ հոգս կար, նույնիսկ երկյուղ․ նա վախվխելով նայում էր Իպոլիտին, կարծես թե նրանից սպասելով էլի ինչ-որ բան։
 +
 +
Հանկարծ Իպոլիտը վեր կացավ սարսափելի գունատ և ահավոր, հուսահատության հասնող ամոթի արտահայտությունը աղավաղված դեմքին։ Դա գերազանցապես արտահայտվում էր ատելությամբ ու երկչոտությամբ ժողովվածներին նայող նրա հայացքում և թրթռացող շրթունքների վրա թափառող շփոթված, աղավաղված ու սողացող ժպիտում։ Նա անմիջապես աչքերը ցած թողեց ու երերալով և շարունակ նույն տեսակ ժպտալով ոտները քարշ տվեց դեպի Բուրդովսկին ու Դոկտորենկոն, որոնք կանգնած էին պատշգամբի ելքի մոտ. նա մեկնում էր նրանց հետ։
 +
 +
— Ահա հենց դրանից էի վախենում ես,— բացականչեց իշխանը։— Այդպես էլ պետք է լիներ։
 +
 +
Իպոլիտը արագ շրջվեց դեպի նա ամենակատաղի չարությամբ, և նրա դեմքի ամեն մի գիծը կարծես թրթռում էր ու խոսում։
 +
 +
— Ա՜, հենց դրանից էիք վախենում դուք։ «Այդպես էլ պետք է լինե՞ր» ձեր կարծիքով։ Գիտցեք, ուրեմն, որ եթե ես այստեղ ատում եմ որևէ մեկին,— գոչեց նա խռպոտ, ճղճղան, բերանից ցայտեր շաղ տալով (ես ձեզ բոլորիդ, բոլորիդ ատում եմ),— բայց ձեզ, ձեզ՝ ճիզվիտային, քաղցրումեղցր հոգի, ապուշ, միլիոնատեր-բարերար, ձեզ աշխարհում բոլորից և ամեն ինչից ավելի։ Ես ձեզ վաղուց եմ հասկացել և ատել, երբ լսել էի ձեր մասին. ես ձեզ ատել եմ հոգուս ամբողջ ատելությամբ... Այս բոլորը հիմա դո՛ւք արիք։ Այդ դո՛ւք հասցրիք ինձ նոպայի։ Մեռնողին դուք հասցրիք ամոթի աստիճանի դո՛ւք, դո՛ւք, դո՛ւք եք մեղավոր իմ ստոր փոքրոգության համար։ Ես ձեզ կսպանեի, եթե ողջ մնայի։ Հարկավոր չեն ինձ ձեր բարերարությունները, ոչ ոքից չեմ ընդունի, լսո՞ւմ եք, ոչ ոքից, ոչինչ։ Ես զառանցում էի, և դուք չհամարձակվեք հաղթանակ տոնել... Անիծում եմ ձեզ բոլորիդ առհավետ։
 +
 +
Այստեղ արդեն նա բոլորովին շնչասպառ եղավ։
 +
 +
— Իր արցունքներից ամաչեց,— շշնջաց Լեբեդևը Լիզավետա Պրոկոֆևնային,— «այդպես էլ պետք է լիներ»։ Ա՜յ քեզ իշխան։ Մինչև հոգու խորքը կարդաց...
 +
 +
Բայց Լիզավետա Պրոկոֆևնան նրան չարժանացրեց իր հայացքին։ Նա կանգնել էր հպարտորեն շիտկված, գլուխը ետ գցած և արհամարհալից հետաքրքրությամբ դիտում էր «այդ մարդուկներին»։ Երբ Իպոլիտը վերջացրեց, գեներալը ուսերը վեր քաշեց. Լիզավետա Պրոկոֆևնան ցասումնալից չափեց նրան ոտից մինչև գլուխ, կարծես թե նրանից հաշիվ պահանջելով այդ շարժման համար, և անմիջապես շուռ եկավ դեպի իշխանը։
 +
 +
— Շնորհակալություն, ձեզ, իշխան, մեր տան էքսցենտրիկ բարեկամ, այս հաճելի երեկոյի համար, որ մեզ բոլորիս տրամադրեցիք։ Ով գիտե, ձեր սիրտն ուրախանում է հիմա, որ ձեզ հաջողվեց մեզ էլ կրել ձեր հիմարություններին․․․ Բավական է, տան սիրելի բարեկամ, որ գոնե, վերջապես, հնարավորություն տվիք մի լավ տեսնելու ձեզ...
 +
 +
Նա վրդովմունքով սկսեց շտկել իր ժանեկավոր թիկնոցը, սպասելով, թե երբ պետք է ճամփա ընկնեն «նրանք»։ Այդ րոպեին «նրանց» մոտեցավ մի քառանիվ թեթև սայլակ, որի հետևից դեռ քառորդ ժամ առաջ Դոկտորենկոն կարդադրել էր ուղարկել Լեբեդևի աղային՝ գիմնազիստին։ Գեներալը կնոջից անմիջապես հետո իր խոսքը վրա բերեց.
 +
 +
— Ճիշտ որ, իշխան, ես նույնիսկ չէի սպասում... այն ամենից հետո... բոլոր բարեկամական հարաբերություններից հետո... և, վերջապես, Լիզավետա Պրոկոֆևնան...
 +
 +
— Դե ինչպե՞ս, դե ինչպե՞ս կարելի է այդ,— բացականչեց Ադելաիդան, արագ մոտեցավ իշխանին և ձեռքը մեկնեց նրան։
 +
 +
Իշխանը ինքն իրեն կորցրած տեսքով ժպտաց Ադելաիդային։
 +
 +
Հանկարծ մի տաք, արագ շշուկ կարծես թե այրեց իշխանի ականջը։
 +
 +
— Եթե անմիջապես չթողնեք այդ նողկալի մարդկանց, ապա ես ամբողջ կյանքումս, ամբողջ կյաքնումս կատեմ ձեզ,— շշնշաց Ագլայան. նա կարծես մոլեգնած էր, բայց առաջ քան իշխանը հասցրեց նրան նայել, նա շուռ եկավ։ Ասենք, իշխանին արդեն ոչինչ և ոչ ոքի չէր մնում թողնել, մինչ այդ արդեն հասցրել էին հիվանդ Իպոլիտին մի կերպ նստեցնել սայլակ, որը հեռացել էր։
 +
 +
— Ինչ է, սա երկա՞ր պիտի շարունակվի, Իվան Ֆյոդորովիչ։ Ի՞նչ եք կարծում։ Ես շա՞տ եմ հանդուրժելու այդ չարասիրտ անպիտան տղաներին։
 +
 +
— Դե ես, բարեկամս... ես, հասկանալի է, պատրաստ եմ և... իշխան...
 +
 +
Իվան Ֆյոդորովիչը, այնուհանդերձ, ձեռքը պարզեց իշխանին, բայց չհասցրեց սեղմել և վազեց Լիզավետա Պրոկոֆևնայի հետևից, որն աղմկալի ու զայրույթով ցած էր իջնում աստիճաններից։ Ադելաիդան, նրա փեսացուն և Ալեքսանդրան անկեղծորեն հրաժեշտ տվին իշխանին։ Եվգենի Պավլովիչը նույն թվում էր և միայն նա էր զվարթ։
 +
 +
— Եղավ այնպես, ինչպես կարծում էի։ Միայն ափսոս, որ դուք էլ, իմ խեղճ, այստեղ տուժեցիք,— շշնջաց նա ամենաանուշիկ ժպիտով։
 +
 +
Ագլայան գնաց առանց հրաժեշտ տալու։
 +
 +
Բայց այդ երեկոյի արկածները դեռ դրանով չվերջացան։ Լիզավետա Պրոկոֆևնան ստիպված եղավ հանդուրժելու ևս մի չափազանց անսպասելի հանդիպում։
 +
 +
Նա դեռ չէր հասցրել ոտքը սանդուղքից դնել ճանապարհը (որը օղակում էր պուրակը), երբ հանկարծ երկու սպիտակ ձի լծած մի շքեղ կառք սլացավ իշխանի ամառանոցի մոտով։ Կառքի մեջ նստած էին երկու փառահեղ տիկին։ Բայց դեռ տասը քայլ չանցած, կառքը հանկարծ կանգ առավ։ Տիկիններից մեկը արագ շուռ եկավ, կարծես հանկարծ տեսնելով իրեն անհրաժեշտ ինչ-որ ծանոթի։
 +
 +
— Եվգենի Պա՜վլիչ։ Այդ դո՞ւ ես,— կանչեց հանկարծ մի զրնգուն, սքանչելի ձայն, որից իշխանը ցնցվեց և, թերևս, էլի որևէ մեկը,— դե, ինչպես ուրախ եմ, որ վերջապես գտա։ Ես քո հետևից հատուկ սուրհանդակ եմ ուղարկել քաղաք, երկու հոգի։ Ամբողջ օրը քեզ են փնտրում։
 +
 +
Եվգենի Պավլովիչը կանգնել էր սանդուղքի աստիճանին ինչպես շանթահար։ Լիզավետա Պրոկոֆևնան նույնպես կանգնեց իր տեղում, բայց ոչ սարսափած ու քարացած, ինչպես Եվգենի Պավլովիչը։ Նա հանդուգն կնոջը նայեց նույնպես հպարտ և նույնպիսի սառն արհամարհանքով, ինչպես հինգ րոպե առաջ նայում էր «մարդուկներին», և անմիջապես իր սևեռուն հայացքը փոխադրեց Եվգենի Պավլովիչի վրա։
 +
 +
— Նորությո՜ւն,— շարունակում էր զրնգուն ձայնը,— Կուպֆերի մուրհակներից մի վախենա։ Ռոգոժինը գնեց երեսունով, ես համոզեցի։ Կարող ես հանգիստ լինել գոնե մի երեք ամիս։ Իսկ Բիսկուպից և այդ ամբողջ աղտեղությունից հավանաբար գլուխ կհանենք ծանոթության միջոցով։ Ահա ուրեմն, նշանակում է, ամեն ինչ բարեհաջող է։ Ուրախ լեր։ Մինչև վա՜ղը։
 +
 +
Կառքը շարժվեց ու արագ չքացավ։
 +
 +
— Դա խելագար է,— վերջապես բացականչեց Եվգենի Պավլովիչը, զայրույթից շառագունած և տարակուսանքով շուրջը նայեց,— ես ոչինչ չգիտեմ, այդ ինչ էր ասում։ Ի՞նչ մուրհակներ։ Ո՞վ է նա։
 +
 +
Լիզավետա Պրոկոֆևնան դեռ շարունակում էր նրան նայել մի երկու վայրկյան ևս. վերջապես արագ ու կտրուկ ուղղվեց դեպի իր ամառանոցը, իսկ նրա հետևից բոլորը։ Ուղիղ մի րոպե անց իշխանի պատշգամբը վերադարձավ Եվգենի Պավլովիչը արտակարգ հուզվաձ։
 +
 +
— Իշխան, ճշմարի՞տ դուք չգիտեք, թե ինչ է նշանակում սա։
 +
 +
— Ոչինչ չգիտեմ,— պատասխանեց իշխանը, որ գտնվում էր արտասովոր հիվանդագին լարման մեջ։
 +
 +
― Ո՞չ։
 +
 +
— Ոչ։
 +
 +
— Ես էլ չգիտեմ,— հանկարծ ծիծաղեց Եվգենի Պավլովիչը։― Աստված վկա, ոչ մի առնչություն չունեմ այդ մուրհակների հետ, հավատո՞ւմ եք ազնիվ խոսքին... Բայց ի՞նչ է կատարվում ձեզ հետ, դուք ուշագնա՞ց եք լինում։
 +
 +
— Օ, ոչ, ոչ, հավատացնում եմ ձեզ, ոչ...
 +
 +
 +
=== XI ===
 +
 +
Եպանչինները միայն երրորդ օրը լիովին գթասրտվեցին։ Իշխանը թեև սովորականի պես իրեն մեղադրեց շատ բանում, և անկեղծորեն սպասում էր պատժի, բայց և այնպես. սկզբում նա լիովին համոզված էր, որ Լիզավետա Պրոկոֆևնան չէր կարող նրա վրա լրջորեն բարկանալ, այլ ավելի շատ զայրացել էր իր իսկ վրա։ Այսպիսով, թշնամանքի այդպիսի երկարատև ժամկետը իշխանին երրորդ օրը դրեց ամենամռայլ փակուղի։ Այլ հանգամանքներ էլ նրան փակուղի դրին, բայց նրանցից մեկը` գերազանցորեն։ Երեք օր շարունակ դա պրոգրեսիվորեն աճում էր իշխանի կասկածամտության մեջ (իսկ իշխանը վերջին ժամանակներս իրեն մեղադրում էր երկու ծայրահեղության՝ իր արտասովոր «անիմաստ ու աներես» դյուրահավատության և միաժամանակ «մռայլ, ստոր» կասկածամտության մեջ)։ Մի խոսքով, երրորդ օրվա վերջում կառքից Եվգենի Պավլովիչի հետ խոսող էքսցենտրիկ տիկնոջ արկածը իշխանի ուղեղում սարսափեցնող և խորհրդավոր չափեր ընդունեց։ Հանելուկի էությունը, բացի գործի այլ կողմերից, իշխանի համար այն ցավալի հարցն էր, թե արդյոք հենց ի՞նքն է մեղավոր այդ նոր «հրեշավորության» համար, թե՞ միայն․․․ Բայց նա մինչև վերջ չէր ասում, թե էլի ով։ Ինչ վերաբերում է Ն. Ֆ. Բ․ տառերին, ապա, նրա կարծիքով, այստեղ միայն անմեղ չարաճճիություն էր, նույնիսկ ամենամանկական չարաճճիություն, այնպես որ որևէ չափով դրա մասին մտահոգվելը ամոթ կլիներ և մի տեսակետից համարյա նույնիսկ անազնիվ։
 +
 +
Ասենք, հենց առաջին օրը այլանդակ «երեկույթից» հետո, որի անկարգություններում նա այնպիսի գլխավոր «պատճառ» էր, իշխանը առավոտյան իշխան Շչ֊ին և Ադելաիդային իր մոտ ընդունելու բավականությունն ունեցավ. «նրանք եկել էին ''գլխավորապես'' նրա համար, որ իմանային իշխանի առողջությունը», եկել էին երկուսով, զբոսանքից։ Ադելաիդան հիմա պուրակում նկատել էր մի ծառ, հրաշալի հինավուրց ծառ, ճյուղատարած, երկար, ծուռումուռ ոստերով, ամբողջովին թարմ սաղարթի մեջ կորած, փչակով ու ճեղքվածքով. նա որոշել է անպայման, անպայման նկարել այդ ծառը։ Այնպես որ իր այցելության ամբողջ կես ժամվա ընթացքում համարյա միայն այդ մասին էր խոսում։ Իշխան Շչ-ն ըստ սովորականի սիրալիր ու անուշ էր, իշխանին հարցնում էր առաջվա մասին, մտաբերում էր իրենց առաջին ծանոթության հանգամանքները, այնպես որ երեկվա մասին գրեթե ոչ մի խոսք էլ չէր ասված։ Վերջապես, Ադելաիդան չդիմացավ և, քմծիծաղ տալով խոստովանեց, որ իրենք եկել են incoցnito, սակայն խոստովանանքը հենց դրանով էլ վերջացավ, թեև այդ incognito֊ից արդեն կարելի էր եզրակացնել, որ ծնողները, այսինքն, գլխավորապես Լիզավետա Պրոկոֆևնան, ինչ-որ առանձնահատուկ վատ են տրամադրված։ Բայց ոչ նրա, ոչ Ագլայայի, ոչ նույնիսկ Իվան Ֆյոդորովիչի մասին Ադելաիդան և իշխան Շչ֊ն իրենց այցելության ընթացքում մի հատիկ բառ չարտասանեցին։ Նորից գնալով զբոսանքի, իշխանին չհրավիրեցին իրենց հետ գնալու։ Իսկ իրենց մոտ կանչելու մասին ակնարկ անգամ չեղավ. այդ առթիվ նույնիսկ մի շատ բնորոշ խոսք թռավ Ադելաիդայի բերանից․ խոսելով իր մի ջրաներկ նկարի մասին, նա հանկարծ շատ ուզեցավ ցույց տալ այդ։ «Ինչպե՞ս անենք, որ շուտ լինի։ Կացե՛ք։ Ես կամ այսօր Կոլյայի հետ կուղարկեմ, եթե գա, կամ վաղը ինքս, երբ իշխանի հետ նորից զբոսանքի դուրս գանք, կբերեմ» — եզրափակեց նա վերջապես իր տարակուսանքը, ուրախանալով, որ իրեն հաջողվեց այդպես ճարպիկ ու բոլորի համար հարմար լուծել այդ խնդիրը։
 +
 +
Վերջապես, արդեն համարյա հրաժեշտ տալիս, իշխան Շչ֊ն կարծես հանկարծ հիշեց.
 +
 +
— Ախ, հա,— հարցրեց նա,— գոնե դուք չգիտե՞ք, սիրելի Լև Նիկոլաևիչ, այն ինչ կին էր, որ երեկ երեկոյան կառքից բղավեց Եվգենի Պավլովիչին։
 +
 +
— Դա Նաստասյա Ֆիլիպովնան էր,— ասաց իշխանը,— մի՞թե դեռ չեք իմացել, որ այդ նա է։ Իսկ նրա հետինը չգիտեմ ով էր։
 +
 +
— Գիտեմ, լսել եմ,— վբա բերեց իշխան Շչ֊ն,— բայց ի՞նչ էր նշանակում այդ բացականչությունը։ Դա, խոստովանում եմ, այնպիսի հանելուկ է ինձ համար... ինձ համար և ուրիշների համար։
 +
 +
Իշխան Շչ-ն խոսում էր արտասովոր և ակնհայտ զարմանքով։
 +
 +
— Նա խոսում էր Եվգենի Պավլովիչի ինչ-որ մուրհակների մասին,— շատ պարզ պատասխանեց իշխանը,— որոնք Նաստասյա Ֆիլիպովնայի խնդրանքով ինչ-որ վաշխառուից ընկել են Ռոգոժինի ձեռքը, որը Եվգենի Պավլովիչին ժամանակ կտա։
 +
 +
— Լսեցի, լսեցի, իմ թանկագին իշխան, բայց ախր դա չէր կարող պատահել։ Այստեղ Եվգենի Պավլովիչի ոչ մի մուրհակ չէր կարող լինել։ Այդպիսի կարողություն ունենալով... ճիշտ է, առաջ նրան պատահում էր, թեթևամտությունից, և նույնիսկ ես նրան նեղ տեղից ազատում էի... այդպիսի կարողություն ունենալով մուրհակներ տալ վաշխառուին և անհանգստանալ դրանց համար՝ անհնարին է։ Եվ նա չի կարող ''դու''-ով խոսել և այդպիսի բարեկամական հարաբերությունների մեջ լինել Նաստասյա Ֆիլիպովնայի հետ,— ահա թե որն է գլխավոր խնդիրը։ Նա երգվում է, որ ոչինչ չի հասկանում, և ես լիովին հավատում եմ նրան։ Բայց բանն այն է, սիրելի իշխան, որ ես ուզում էի հարցնել ձեզ, գոնե դուք որևէ բան չգիտե՞ք։ Այսինքն, որևէ հրաշքով գոնե ձեզ լուր չի՞ հասել։
 +
 +
— Ոչ, ոչինչ չգիտեմ, և հավատացնում եմ ձեզ, որ ես դրան բոլորովին չեմ մասնակցել։
 +
 +
— Ախ, ինչպիսի՜ն եք դարձել, իշխան։ ես այսօր ուղղակի չեմ ճանաչում ձեզ։ Մի՞թե ես կարող էի կասկածել, թե դուք այդպիսի գործի մասնակից եք... Դե, այսօր ձեր տրամադրությունն ընկած է։
 +
 +
Նա գրկեց և համբուրեց իշխանին։
 +
 +
— Այսինքն՝ ինչպիսի՞ «այդպիսի» գործի մասնակից։ Ես ոչ մի «այդպիսի» գործ չեմ տեսնում։
 +
 +
— Անկասկած այդ անձնավորությունը ինչ֊որ ձևով և ինչ֊որ բանում ուզում էր խանգարել Եվգենի Պավլովիչին, վկաների աչքում նրան այնպիսի հատկություններ վերագրելով, որպիսիք նա չունի և չի կարող ունենալ,— պատասխանեց իշխան Շչ-ն բավական չոր։
 +
 +
Իշխան Լև Նիկոլաևիչը շփոթվեց, բայց, այնուամենայնիվ շարունակում էր սևեռուն ու հարցական նայել իշխանին. բայց նա լուռ մնաց։
 +
 +
― Եվ ո՞չ թե ուղղակի մուրհակներ։ Արդյոք տառացիորեն այդպես չէ՞, ինչպես երեկ ասաց,— մրթմրթաց վերջապես իշխանը ինչ-որ անհամբերությամբ։
 +
 +
— Բայց, ասում եմ ձեզ, ինքներդ դատեցեք, այստեղ ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել Եվգենի Պավչովիչի և... նրա մեջ, դեռ Ռոգոժինն էլ ավելացրած։ Կրկնում եմ ձեզ, հսկայական կարողություն ունի, որն ինձ ստույգ հայտնի է. մի այլ կարողություն էլ, որը սպասում է հորեղբորից։ Ուղղակի Նաստասյա Ֆիլիպովնան․․․
 +
 +
Իշխան Շչ-ն հանկարծ նորից լռեց, ըստ երևույթին նրա համար, որ չէր ուզում իշխանի մոտ շարունակել Նաստասյա Ֆիլիպովնայի մասին։
 +
 +
— Նշանակում է, համենայն դեպս, Նաստասյա Ֆիլիպովնան նրան ծանո՞թ է,― հանկարծ հարցրեց իշխան Լև Նիկոլաևիչը, մի րոպե լռելուց հետո։
 +
 +
— Այդ մեկը կարծես թե եղել է․ թեթևսոլիկ է։ Բայց, համենայն դեպս, եթե եղել է, ապա շատ վաղուց, դեռ առաջ, այսինքն՝ երկու֊երեք տարի։ Չէ՞ որ նա Տոցկու հետ էլ ծանոթ էր։ Իսկ հիմա այդ կարգի ոչ մի բան լինել չի կարող, իրար հետ ''դու''֊ով լինել նրանք երբեք չէին կարող։ Ինքներդ դիտեք, որ Նաստասյա Ֆիլիպովնան էլ ամբողջ ժամանակ այստեղ չէր․ ոչ մի տեղ չէր։ Շատերը դեռ չգիտեն էլ, որ նա նորից հայտնվել է։ Նրա կառքը ես նկատել եմ մի երեք օր առաջ, ոչ ավելի։
 +
 +
— Հիանալի՜ կառք է,— ասաց Ադելաիդան։
 +
 +
— Այո, կառքը հիանալի է։
 +
 +
Երկուսն էլ հեռացան, այնուամենայնիվ, ամենաբարեկամական, կարելի է ասել, ամենաեղբայրական տրամադրությամբ դեպի իշխան Լև Նիկոլաևիչը։
 +
 +
Իսկ մեր հերոսի համար այդ այցելությունը իր մեջ պարունակում էր նույնիսկ շատ կարևոր մի հանգամանք։ Ասենք, երեկ գիշերվանից սկսած (գուցե և ավելի առաջ), նա ինքն էլ շատ էր կասկածում, բայց մինչև նրանց այցելությունը չէր համարձակվում լիովին արդարացնել իր վախը։ Իսկ հիմա պարզ էր դառնում, իշխան Շչ֊ն, իհարկե, իրադարձությունը սխալ էր մեկնաբանում, բայց համենայն դեպս թափառում էր ճշմարտության շուրջը, համենայն դեպս, հասկացել էր, որ այստեղ ''ինտրիգա'' կա։ (Ասենք, նա ինքն իր մեջ գուցե բոլորովին ճիշտ է հասկանում,— մտածեց իշխանը,— միայն թե չի ուզում արտահայտվել, դրա համար էլ դիտմամբ սխալ է մեկնաբանում)։ Ամենից ակնհայտն այն էր, որ հիմա նրա մոտ գալիս էին (և հատկապես իշխան Շչ֊ն) որևէ պարզաբանումների հույսով. եթե այդպես է, ուրեմն նրան ուղղակի համարում են ինտրիգի մասնակից։ Բացի այդ, եթե այդ ամենը այդպես է և իրոք կարևոր է, ապա, նշանակում է, նա ինչ֊որ սարսափելի նպատակ ունի, բայց ի՞նչ նպատակ։ Սոսկալի՜ բան։ «Եվ ինչպե՞ս կասեցնես նրան։ Նրան կասեցնելու ոչ մի հնարավորություն չկա, երբ նա համոզված՝ է իր նպատակի ճշտությանը»։ Այդ արդեն իշխանը փորձով գիտեր։ «Խելագար է։ Խելագար»։
 +
 +
Բայց այդ առավոտ ուրիշ շատ, շատ անլուծելի հանգամանքներ էլ էին կուտակվել, և բոլորը միաժամանակ, և ամեն ինչ պահանջում էր անհապաղ լուծում, այնպես որ իշխանը շատ տխուր էր։ Նրա թախիծը մի քիչ փարատեց Վերա Լեբեդևան, որը նրա մոտ եկավ Լյուբոչկայի հետ, և, ծիծաղելով, երկար ինչ-որ բան էր պատմում։ Վերայի հետևից ներս մտավ նաև նրա՝ բերանը բաց քույրը, նրանց հետևից՝ Լեբեդևի գիմնազիստ որդին, որը հավատացնում էր, թե հավատո հանգանակի միջի «օշինդր աստղը», որը ընկել է երկիր ջրի աղբյուրների վրա, ըստ հոր մեկնաբանության Եվրոպայամ տարածված երկաթուղագծերի ցանցն է։ Իշխանը չհավատաց, որ Լեբեդևն այդպես է մեկնաբանում, որոշեցին հարցնել հենց Լեբեդևից, առաջին իսկ հարմար դեպքում։ Վերա Լեբեդևայից իշխանն իմացավ, որ երեկվանից Կելլերը քոչել֊եկել է նրանց մոտ և, բոլոր նշաններից երևում է, որ երկար ժամանակ նրանցից պոկ չի գա, որովհետև ընկեր է գտել և բարեկամաբար կապվել է գեներալ Իվոլգինի հետ։ Ասենք, նա հայտարարել է, թե նրանց մոտ մնում է լոկ նրա համար, որ կոմպլեկտավորի իր կրթությունը։ Ընդհանրապես Լեբեդևի երեխաները գնալով ավելի ու ավելի էին դուր գալիս իշխանին։ Կոլյան ամբողջ օրը չէր երևացել. նա վաղ առավոտվանից գնացել էր Պետերբուրգ։ (Լեբեդևն էլ լույսը չբացված գնացել էր իր ինչ-որ գործերով)։ Բայց իշխանն անհամբեր սպասում էր Գավրիլա Արդալիոնովիչին, որն անպայման հենց այսօր պետք է անցներ նրա մոտ։
 +
 +
Նա շնորհ բերեց կեսօրվա ժամը յոթին մոտ, ճաշից անմիջապես հետո։ Նրա վրա գցած առաջին հայացքից իշխանի մտքով անցավ, որ գոնե այս պարոնը պետք է ամբողջ ճշմարտությունը անսխալ իմանա. և ինչպե՞ս չիմանար, Վարվառա Արդալիոնովնայի և նրա ամուսնու պես օգնականներ ունենաչռվ։ Բայց Գանյայի հետ իշխանի հարաբերությունները միշտ ինչ-որ առանձնահատուկ էին։ Իշխանն, օրինակ, նրան վստահեց վարել Բուրդովսկու գործը և հատկապես խնդրեց նրան այդ մասին, բայց չնայած այդ վստահությանը և առաջ պատահած որոշ բաների, երկուսի միջև շարունակ մնում էին մի քանի կետեր, որոնց մասին կարծես փոխադարձաբար վճռած լինեին ոչինչ չխոսել։ Իշխանին երբեմն թվում էր, որ թերևս, Գանյան իր կողմից կուզենար ամենալիակատար ու բարեկամական անկեղծություն ցուցաբերել, օրինակ, հիմա, հենց որ նա ներս մտավ, իշխանին անմիջապես թվաց, թե Գանյան վերին աստիճանի համոզված է, որ հենց այս րոպեին հասել է բոլոր կետերում նրանց միջև եղած սառույցը կոտրելու ժամանակը։ (Սակայն Գավրիլա Արդալիոնովիչն շտապում էր. Լեբեդևի տանը նրան սպասում էր քույրը. նրանք երկուսն էլ շտապում էին ինչ֊որ գործով)։
 +
 +
Բայց եթե Գանյան իրոք սպասում էր մի ամբողջ շարք անհամբեր հարցերի, ակամա հաղորդումների, բարեկամական զեղումների, ապա, իհարկե, նա շատ սխալվեց։ Նրա այցելության ամբողջ քսան րոպեի ընթացքում իշխանը նույնիսկ շատ մտազբաղ էր, գրեթե մտացրիվ։ Սպասվող հարցեր կամ, լավ է ասել մի գլխավոր հարց, որ սպասում էր Գանյան, չէին կարող լինել։ Այն ժամանակ Գանյան որոշեց, որ ինքն էլ ավելի զուսպ կխոսի։ Նա, առանց լռելու, ամբողջ քսան րոպե պատմում էր, ծիծաղում, զբաղվում ամենաթեթև, հաճելի ու արագախոս շաղակրատությամբ, բայց գլխավոր հարցը չշոշափեց։
 +
 +
Գանյան ի միջի այլոց պատմեց, որ Նաստասյա Ֆիլիպովնան ընդամենը չորս օր է, ինչ այստեղ Պավլովսկում է և արդեն իր վրա է գրավում ընդհանուրի ուշադրությունը։ Նա ապրում է մի տեղ, ինչ-որ Մատրոսսկայա փողոցում, մի փոքրիկ, անճոռնի տան, Դարյա Ալեքսեևնայի մոտ, իսկ նրա կառքը համարյա առաջինն է Պավլովսկում։ Նրա շուրջը արդեն հավաքվել է ծեր ու ջահել արկածախնդիրների մի ամբողջ ամբոխ, երբեմն կառքն ուղեկցում են հեծյալներ։ Նաստասյա Ֆիլիպովնան, ինչպես և առաջ, շատ խստապահանջ է, իր մոտ գնալու թույլ է տալիս ընտրությամբ։ Բայց և այնպես նրա շուրջը մի ամբողջ խումբ է գոյացել, այնպես որ հարկ եղած դեպքում նրան պաշտպանող մարդ կճարվի։ Հովեկներից մի օրինական փեսացու նրա պատճառով արդեն գժտվել է իր հարսնացուի հետ. մի ծերուկ գեներալ համարյա անիծել է իր որդուն։ Նա հաճախ իր հետ կառքով զբոսնելու է վերցնում մի սքանչելի աղջկա, ընդամենը տասնվեց տարեկան, Դարյա Ալեքսեևնայի հեռավոր ազգականուհուն, այդ աղջիկը լավ է երգում, այնպես որ երեկոները նրանց տունը իր վրա ուշադրություն է հրավիրում։ Սակայն Նաստասյա Ֆիլիպովնան իրեն չափազանց կարգին է պահում, հագնվում է ոչ շքեղ, բայց արտասովոր ճաշակով, և բոլոր տիկնայք նրա «ճաշակին, գեղեցկությանն ու կառքին նախանձում են»։
 +
 +
— Երեկվա արտառոց դեպքը,— խոսք թռցրեց Գանյան,— իհարկե, կանխամտածված էր և, իհարկե, չպետք է հաշվի առնել։ Նրան որևէ բանում կշտամբելու համար պետք է դիտմամբ մի բան փնտրես կամ զրպարտես, որ, ի դեպ, չի հապաղի,— եզրափակեց Գանյան, որ սպասում էր, թե իշխանն անպայման կհարցնի. «Ինչո՞ւ է նա երեկվա դեպքը կանխամտածված դեպք համարում։ Եվ ինչո՞ւ չի հապաղի»։ Բայց իշխանը չհարցրեց դա։
 +
 +
Եվգենի Պավյովիչի մասին նույնպես Գանյան ծավալվեց ինքը, առանց հատուկ հարցուփորձի, որ շատ տարօրինակ էր, որովհետև նրան խոսակցության մեջ գցեց առանց որևէ առիթի, Գավրի ա Արդալիոնովիչի կարծիքով Եվգենի Պավլովիչը չէր ճանաչում Նաստասյա Ֆիլիպովնային, նա նրան հիմա էլ հազիվհազ է ճանաչում և հենց շնորհիվ այն բանի, որ մի չորս օր առաջ ինչ֊որ մեկը զբոսանքի ժամանակ նրան ներկայացրել էր Նաստասյա Ֆիլիպովնային, և հազիվ թե գեթ մի անգամ ուրիշների հետ նրա տանը եղած լինի։ Մուրհակների մասին ասածը նույնպես կարող էր ճիշտ լինել (դա Գանյան գիտի նույնիսկ հաստատ), Եվգենի Պավլովիչը, իհարկե, մեծ կարողություն ունի, «բայց կալվածքի որոշ գործեր գտնվում են որոշ անկարգության մեջ»։ Այդ հետաքրքիր նյութի վրա Գանյան հանկարծ խոսքը կտրեց։ Նաստասյա Ֆիլիպովնայի երեկվա արարքի մասին մի հատիկ խոսք չասաց, բացի վերև հարևանցի ասածից։ Վերջապես, Գանյայի հետևից մտավ Վարվառա Արդալիոնովնան, մնաց մի րոպե, հայտարարեց (որին նույնպես չէին խնդրել), որ Եվգենի Պավլովիչը այսօր կամ գուցե վաղը, կլինի Պետերբուրգում, որ իր ամուսինը (Իվան Պետրովիչ Պտիցինը) նույնպես Պետերբուրգում է, և գրեթե նույնպես Եվգենի Պավլովիչի գործերով, որ այնտեղ իրոք ինչ֊որ բան է եղել։ Գնալիս նա ավելացրեց, որ Լիզավետա Պրոկոֆևնան այսօր դժոխային տրամադրության մեջ է, բայց որ ամենից տարօրինակն է, Ագլայան գժտվել է ամբողջ ընտանիքի հետ, ոչ միայն հոր ու մոր, այլև նույնիսկ երկու քույրերի հետ, և որ դա բոլորովին լավ չէ»։ Կարծես հարևանցի հայտնելով այդ վերջին (իշխանի համար չափազանց նշանակալից) լուրը, քույր ու եղբայր հեռացան։ «Պավլիշչևի որդու» գործի մասին նույնպես Գանեչկան ոչ մի խոսք չասաց, գուցե կեղծ համեստությունից, գուցե «խնայելով իշխանի զգացմունքները», բայց իշխանը, համենայն դեպս, մի անգամ էլ շնորհակալություն հայտնեց նրան գործի ջանադիր ավարտման համար։
 +
 +
Իշխանը շատ ուրախ էր, որ վերջապես նրան մենակ թողին. նա ցած իջավ պատշգամբից, կտրեց անցավ ճանապարհը և մտավ զբոսայգին. նա ուզում էր կշռադատել և լուծել մի քայլ։ Բայց այդ «քայլը» նրանցից չէր, որոնք կշռադատվում են, այլ նրանցից, որոնք հենց չեն կշռադատվում, այլ որոնց ուղղակի դիմում են, նա հանկարծ սաստիկ ուզեց այս ամենը թողնել այստեղ և վերադառնալ այնտեղ, որտեղից եկել էր, որևէ հեռու, խուլ տեղ, մեկնել հենց հիմա և նույնիսկ առանց որևէ մեկին հրաժեշտ տալու։ Նա նախազգում էր, որ եթե գեթ մի քանի օր էլ այստեղ մնա, ապա անպայման անդառնալիորեն կներքաշվի այդ աշխարհը և առաջիկայում էլ հենց այդ աշխարհը նրան բաժին կընկնի։ Բայց նա տասը րոպե իսկ չխորհեց և անմիջապես վճռեց, որ փախչելն «անհնար» է, որ դա համարյա փոքրոգություն կլինի, որ իր առաջ այնպիսի խնդիրներ են կանգնած, որ չլուծելու կամ գոնե դրանք լուծելու համար բոլոր ուժերը չգործադրելու հիմա նույնիսկ ոչ մի իրավունք չունի։ Այդպիսի մտքերով նա վերադարձավ տուն, և հազիվ թե քառորդ ժամ զբոսնեց։ Նա այդ րոպեին լիովին դժբախտ էր։
 +
 +
Լեբեդևը դեռևս բացակայում էր անից, այնպես որ երեկոյան իշխանի մոտ կարողացավ խուժել Կելլերը, ոչ հարբած, բայց զեղումներով ու խոստովանություններով։ Նա ուղղակի հայտարարեց, որ եկել է իշխանին պատմելու իր ամբողջ կյանքը և հենց դրա համար էլ մնացել է Պավլովսկում. նրան վռնդելու ոչ մի հնարավորություն չկար, ոչ մի դեպքում չէր գնա։ Կելլերը պատրաստվեց խոսելու շատ երկար ու շատ անկանոն, բայց հանկարծ գրեթե առաջին իսկ խոսքերից թռավ եզրափակմանը և հայտարարեց, որ ինքն այն աստիճան է կորցրել «բարոյականության ամեն մի նշույլ» (լոկ ամենաբարձրյալին չհավատալուց), որ նույնիսկ գողություն է արել։— «Կարո՜ղ եք պատկերացնել այդ»։
 +
 +
— Լսեցեք, Կելլեր, ձեր տեղը լինեի, դա չէի խոստովանի առանց հատուկ պատճառի,— սկսեց իշխանը,— ասենք, դուք, գուցե դիտմամբ եք ձեզ ամբաստանում։
 +
 +
— Ձեզ, միմիայն ձեզ, և միմիայն նրա համար, որպեսզի օգնեմ զարգացմանս։ Ուրիշ ո՛չ ոքի. կմեռնեմ և պատանքիս տակ կտանեմ գաղտնիքս։ Բայց, իշխան, եթե իմանայիք, եթե միայն իմանայիք, թե մեր դարում որքա՜ն դժվար է փող ճարելը։ Որտեղի՞ց ճարես, թույլ տվեք ձեզ հարցնել դրանից հետո։ Մի պատասխան կա, «Ոսկի ու ադամանդներ բեր, դրանց դիմաց էլ կտանք», այսինքն՝ հենց այն, ինչ որ ես չունեմ, կարո՞ղ եք պատկերացնել։ Ես, վերջապես, բարկացա, կանգնեցի֊կանգնեցի, «Իսկ զմրուխտի դիմաց, ասում եմ, կտա՞ք»։— «Զմրուխտի դիմաց էլ, ասում է, կտամ»։— «Դե, հրաշալի է»,— ասում եմ, գլխարկս դնում ու դուրս գալիս․ ձեր գլուխը քարը, սրիկանե՜ր։ Աստվա՛ծ վկա։
 +
 +
— Իսկ մի՞թե դուք զմրուխտ ունեիք։
 +
 +
— Որտեղի՞ց։ Օ, իշխան, դեռ որքան պայծառ և անմեղ, նույնիսկ կարելի է ասել, հովվորեն եք նայում կյանքին։
 +
 +
Իշխանը, վերջապես, չէ թե խղճաց, այլ մի տեսակ, կարծես, անհարմար զգաց։ Նրա գլխով նույնիսկ մի միտք անցավ. «Արդյոք չի՞ կարելի որևէ մեկի լավ ազդեցությամբ այս մարդուց մի բան շինել»։ Իր սեփական ազդեցությունը, որոշ պատճառներով, նա համարում էր չափազանց ոչ պիտանի, ոչ թե ինքնանվաստացումից, այլ իրերի նկատմամբ որոշ առանձնահատուկ հայացք ունենալուց։ Կամաց֊կամաց նրանք զրույցի բռնվեցին, և այն աստիճան, որ չէին ուզում բաժանվել։ Կելլերն արտասովոր պատրաստակամությամբ այնպիսի բաներ էր խոստովանում, որ նույնիսկ չէր կարելի պատկերացնել, թե ինչպես կարելի է այդպիսի գործերի մասին պատմել։ Անցնելով ամեն մի պատմությանը, նա հաստատ հավատացնում էր, որ զղջում է և ներքուստ «լի է արցունքով», մինչդեռ այնպես էր պատմում, որ կարծես հպարտանում էր իր արարքով և միաժամանակ երբեմն այնքան ծիծաղաշարժ, որ նա ու իշխանը, վերջապես, հռհռում էին խելագարի նման։
 +
 +
— Գլխավորն այն է, որ ձեր մեջ ինչ֊որ մանկական դյուրահավատություն և արտասովոր շիտակություն կա,— վերջապես ասաց իշխանը,— արդյոք գիտե՞ք, որ հենց միայն դրանով շատ եք կաշառում։
 +
 +
— Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, ասպետորեն շնորհակալ եմ,― սրտաշարժված հաստատեց Կելլերը,— բայց գիտե՞ք, իշխան, ամեն ինչ միայն երազանքներում, և, այսպես ասած, երևակայական համարձակությամբ, իսկ գործնականում երբեք բան չի ստացվում։ Իսկ ինչո՞ւ է այդպես։ Չեմ կարող հասկանալ։
 +
 +
— Մի հուսահատվեք։ Հիմա հաստատ կարելի է ասել, որ ինձ ներկայացրիք ձեր ամենաթաքուն գաղտնիքները. համենայն դեպս ինձ թվում է, որ ձեր պատմածին այլևս ոչինչ չի կարելի ավելացնել, այնպես չէ՞։
 +
 +
― Չի՞ կարելի,— մի տեսակ ափսոսանքով բացականչեց Կելլերը,— օ, իշխան, դեռ ո՜ր աստիճան դուք, այսպես ասած, շվեյցարավարի եք հասկանում մարդուն։
 +
 +
— Մի՞թե էլի կարելի է ավելացնել,— վարանոտ զարմանքով արտասանեց իշխանը,― ուրեմն ինձնից ի՞նչ էիք սպասում, Կելլեր, ասացեք, խնդրեմ, և ինչո՞ւ եք եկել ձեր խոստովանությամբ հանդերձ։
 +
 +
— Ձեզնի՞ց։ Ինչ էի սպասո՞ւմ։ Նախ և առաջ լոկ հաճելի է տեսնել ձեր պարզասրտությունը. ձեզ հետ նստել ու խոսելը հաճելի է, ես գոնե գիտեմ, որ իմ առաջ ամենաառաքինի անձնավորություն է, իսկ երկրորդ․․․ երկրորդ...
 +
 +
Նա ծիծաղեց։
 +
 +
— Գուցե փո՞ղ էիք ուզում պարտք վերցնել,— հուշեց իշխանը շատ լուրջ ու հասարակ, նույնիսկ կարծես մի քիչ երկչոտ։
 +
 +
Կելլերը կարծես ցնցվեց. նա արագ, առաջվա պես զարմացած, նայեց իշխանի ուղիղ աչքերի մեջ և բռունցքն ամուր խփեց սեղանին։
 +
 +
— Դե, ահա հենց դրանով էլ դուք մարդուն վերջանականապես շշկլեցնում եք։ Ներեցեք, իշխան, մերթ այնպիսի պարզասրտություն, այնպիսի անմեղություն եք ցուցաբերում, որ նույնիսկ ոսկե դարում չի լսված, և հանկարծ միաժամանակ մարդու նետի պես ծակում անցնում եք դիտողականության այդպիսի խորագույն հոգեբանությամբ։ Բայց թույլ տվեք, իշխան, դա պահանջում է պարզաբանում, որովհետև ես... ես ուղղակի շշմած եմ։ Հասկանալի է, վերջ ի վերջո իմ նպատակն էր փող պարտք վերցնել, բայց փողի մասին դուք ինձ այն ձևով հարցրիք, կարծես դրանում դատապարտելի բան չեք գտնում, կարծես թե այդպես էլ պետք է լինի․․․
 +
 +
— Դե․․․ ձեր կողմից այդպես էլ պետք է լինի։
 +
 +
— Եվ զայրացած չե՞ք։
 +
 +
— Դե... ինչի՞ց։
 +
 +
— Լսեցեք, իշխան, ես երեկ իրիկվանից այստեղ մնացի, նախ և առաջ դեպի Ֆրանսիայի արքեպիսկոպոս Բուրդալուն ունեցած առանձնահատուկ հարգանքից (Լեբեդևի տանը մինչև ժամը երեքը շիշ էինք դատարկում), իսկ երկրորդ և գլխավորը (և ահա բոլոր խաչերով երդվում եմ, որ կատարյալ ճշմարտությունն եմ ասում), նրա համար մնացի, որ ուզում էի, այսպես ասած, ձեզ հայտնելով իմ սրտի լրիվ խոստովանանքը, դրանով իսկ նպաստել սեփական զարգացմանս. այդ մտքով էլ քնեցի չորսին մոտ, արցունքներ թափելով։ Հիմա հավատո՞ւմ եք արդյոք ազնվագույն անձնավորությանս, բուն այն րոպեին, որ քնում էի, անկեղծորեն լի ներքին և, այսպես ասած, արտաքին արցունքներով (որովհետև վերջապես հոնգուր-հոնգուր լաց էի լինում, ես դա հիշում եմ), մի դժոխային միտք անցավ գլխովս. «Իսկ ինչ, վերջ ի վերջո, խոստովանությունից հետո նրանից փող պարտք չվերցնե՞մ»։ Այդպիսով, ես խոստովանությունս պատրաստեցի ինչպես, այսպես ասած մի «ֆենեզերֆ արցանքի սոուսով», այն նպատակով, որ հենց այդ արցունքներով ճանապարհը փափկացնեմ և որպեսզի դուք, գթաշարժվելով, հարյուր հիսուն ռուբլին հաշվեք ու դնեք բուռս։ Ձեր կարծիքով սա ստորություն չէ՞։
 +
 +
— Բայց, երևի դա ճիշտ չէ, այլ ուղղակի համընկել է մեկը մյուսին։ Երկու միտք համընկել են իրար, դա շատ հաճախ է պատահում։ Ինձ անընդհատ պատահում է։ Ասենք, ես կարծում եմ, որ դա լավ չէ, և գիտե՞ք, Կելլեր, ես դրանում ամենից շատ ինձ եմ, կշտամբում։ Դուք հիմա կարծես իսկական իմ մասին պատմեցիք ինձ։ Ինձ նույնիսկ երբեմն պատահել է մտածել,— շարունակում էր իշխանը շատ լուրջ, անկեղծ ու խորապես հետաքրքրված,— որ բոլոր մարդիկ էլ այդպես են, այնպես որ ես նույնիսկ սկսեցի արդարացնել ինձ, որովհետև սարսափելի դժվար է պայքարել այդպիսի կրկնակի մտքերի դեմ. ես զգացել եմ։ Աստված գիտի, թե դրանք ինչպես են գալիս ու ծնվում։ Բայց ախր ահա դուք դա ուղղակի ստորություն եք անվանում։ Հիմա ես էլ նորից կսկսեմ վախենալ այդ մտքերից։ Համենայն դեպս ես ձեզ համար դատավոր չեմ։ Բայց և այնպես, իմ կարծիքով, չի կարելի դա ուղղակի ստորություն անվանել, ի՞նչ եք կարծում։ Դուք խորամանկեցիք, որպեսզի արցունքների միջոցով փող կորզեիք, բայց չէ՞ որ հենց ինքներդ երդվում եք, որ ձեր խոստովանությունը մի այլ, ազնիվ նպատակ էլ ուներ, և ոչ թե միայն դրամական, ինչ վերաբերում է փողին, ապա փողը ձեզ պետք է քեֆի համար, այնպես չէ՞։ Իսկ դա արդեն այդպիսի խոստովանությունից հետո, հասկանալի է, փոքրոգություն է։ Բայց նաև մարդ մի րոպեում ինչպե՞ս թողնի քեֆը։ Չէ՞ որ դա անհնար է։ Ի՞նչ անել, ուրեմն։ Ամենից լավ է թողնել ձեր սեփական խղճին, ի՞նչ եք կարծում։
 +
 +
Իշխանը արտակարգ հետաքրքրությամբ նայում էր Կելլերին։ Կրկնակի մտքերի հարցը ակնհայտորեն և վաղուց հետաքրքրում էր նրան։
 +
 +
— Դե, չեմ հասկանում, ինչո՞ւ են ձեզ դրանից հետո ապուշ անվանում,— բացականչեց Կելլերը։
 +
 +
Իշխանը թեթևակի շիկնեց։
 +
 +
— Քարոզիչ Բուրդալուն լիներ, չէր խնայի մարդուն, իսկ դուք խնայեցիք մարդուն և ինձ դատեցիք մարդավարի։ Ի պատիժ ինձ, և որպեսզի ցույց տամ, որ զգացված եմ, հարյուր հիսուն ռուբլի չեմ ուզում, ինձ միայն քսանհինգ ռուբլի տվեք, և բավական է։ Ահա ամենը, ինչ ինձ հարկավոր է առնվազն երկու շաբաթվա համար։ Երկու շաբաթից շուտ փող ուզելու չեմ գա։ Ուզում էի Ագաշկային մի քիչ զվարճացնել, բայց նա արժանի չէ դրան։ Օ, սիրելի իշխան, աստված օրհնի ձեզ։
 +
 +
Վերջապես ներս մտավ հենց նոր վերադարձած Լեբեդևը, և Կելլերի ձեռքին նկատելով քսանհինգռուբլիանոցը, խոժոռվեց։ Բայց Կելլերը փողի տեր դառնալով, արդեն շտապում էր դուրս և անմիջապես աննկատելի հեռացավ։ Լեբեդևն իսկույն սկսեց չարախոսել նրա մասին։
 +
 +
— Դուք արդարացի չեք, նա իրոք անկեղծորեն զղջում էր,― վերջապես նկատեց իշխանը։
 +
 +
— Բայց ախր զղջման մեջ ի՞նչ կա։ Ճիշտ և ճիշտ ինչպես երեկ ես․ «ստո՛ր եմ, ստո՛ր», բայց ախր լոկ խոսքեր են։
 +
 +
— Ուրեմն դուք լոկ խոսքե՞ր էիք ասում։ Իսկ ես կարծեցի...
 +
 +
— Դե, ձեզ, միմիայն ձեզ կհայտնեմ ճշմարտությունը, որովհետև դուք թափանցում եք մարդու մեջ. և խոսքերը, և գործը, և սուտը, և ճշմարտությունը, այս բոլորը իմ մեջ միասին է և միանգամայն անկեղծ։ Իմ մեջ ճշմարտությունն ու գործը կայանում են անկեղծ զղջման մեջ, իսկ խոսքերն ու սուտը կայանում են այն դժոխային (և միշտ հատուկ) մտքի մեջ, թե ինչպես լինի, որ այստեղ էլ որսամ մարդուն, ինչպես լինի, որ զղջման արցունքով էլ շահեմ։ Աստվա՛ծ վկա, այդպես է։ Ուրիշին չէի ասի. կծիծաղի կամ կթքի, բայց դուք, իշխան, դուք մարդավարի կդատեք։
 +
 +
— Ահա ճիշտ և ճիշտ նույնն էր ասում ինձ նա հիմա,— բացականչեց իշխանը,— և կարծես թե դուք երկուսդ էլ պարծենում եք։ Դուք նույնիսկ զարմացնում եք ինձ, միայն նա ձեզնից ավելի անկեղծ է, իսկ դուք իսկական արհեստ եք դարձրել։ Դե, բավական է, մի կնճռոտվեք, Լեբեդև, և ձեռներդ սրտիդ մի դրեք։ Որևէ բան չե՞ք ասի ինձ։ Դուք զուր տեղը ներս եկողը չեք․․․
 +
 +
Լեբեդևը սկսեց ծամածռվել և կուչուձիգ անել։
 +
 +
— Ես ամբողջ օրն սպասում էի ձեզ, որպեսզի մի հարց տայի, կյանքում գոնե մի անգամ առաջին խոսքից ճիշտ պատասխանեցեք․ որևէ չափով մասնակցե՞լ եք երեկվա այդ կառքին, թե ոչ։
 +
 +
Լեբեդևը նորից ծամածռվեց, սկսեց քրքջալ, ձեռքերն էր շփում, վերջապես, նույնիսկ, սկսեց փռշտալ, բայց դեռ սիրտ չէր անում որևէ բան ասել։
 +
 +
— Տեսնում եմ, որ մասնակցել եք։
 +
 +
— Բայց կողմնակի, միմիայն կողմնակի կերպով։ Կատարյալ ճշմարտությունն եմ ասում։ Միայն նրանով եմ մասնակցել, որ հայտնի անձնավորությանը Ժամանակին հայտնել եմ, որ ինձ մոտ այդպիսի կամպանիա է հավաքվել և, որ ներկա են որոշ անձնավորություններ։
 +
 +
— Ես գիտեմ, որ դուք ձեր որդուն ''այնտեղ'' եք ուղարկել, նա ինքն է քիչ առաջ ասել ինձ, բայց այդ ի՞նչ բանսարկություն է,— անհամբեր բացականչեց իշխանը։
 +
 +
— Իմ բանսարկությունը չէ, իմը չէ,— իրենից հեռացնում էր Լեբեդևը,― այստեղ ուրիշներն են, ուրիշները, և ավելի շուտ, այսպես ասած, երևակայություն է, քան բանսարկություն։
 +
 +
— Բայց բանն ի՞նչ է, բացատրեցեք, ի սեր Քրիստոսի։ Մի՞թե չեք հասկանում, որ դա ուղղակի ինձ է վերաբերում։ Չէ՞ որ այստեղ Եվգենի Պավլովիչին են սևացնում։
 +
 +
— Իշխա՜ն։ Ամենապայծառափա՜յլ իշխան,— նորից կուչուձիգ արեց Լեբեդևը,— ախր դուք թույլ չեք տալիս ասելու ամբողջ ճշմարտությունը, չէ՞ որ ես արդեն սկսել եմ ճշմարտությունն ասել. շատ անգամ եմ փորձել. դուք թույլ չեք տվել շարունակել...
 +
 +
Իշխանը փոքր-ինչ լռեց ու միտք արեց։
 +
 +
— Դե լավ, ասացեք ճշմարտությունը,― ծանր արտասանեց նա, ըստ երևույթին մեծ պայքարից հետո։
 +
 +
— Ագլայա Իվանովնան...— անմիջապես սկսեց Լեբեդևը։
 +
 +
— Լռեցեք, լռեցեք,— կատաղի գոչեց իշխանը, ամբողջովին կարմրելով զայրույթից, գուցե նաև ամոթից։— Դա չի կարող պատահել, այդ ամենը ցնդաբանություն է։ Այդ ամենը դուք ինքներդ եք հնարել կամ ձեզ նման խելագարները։ Եվ այլևս երբեք դա չլսեմ ձեզանից։
 +
 +
Ուշ երեկոյան, արդեն ժամը տասնմեկին մոտ հայտնվեց Կոլյան մի լիք տոպրակ լուրերով։ Նրա լուրերը երկակի էին․ պետերբուրգյան և պավլովսկյան։ Նա հապճեպ պատմեց պետերբուրգյան գլխավոր լուրերը (գերազանցապես՝ Իպոլիտի և երեկվա պատմության մասին), պայմանով, որ հետո նորից անդրադառնա դրանց և շուտով անցավ պավլովսկյան լուրերին։ Երեք ժամ առաջ նա վերադարձել էր Պետերբուրգից և, առանց իշխանի մոտ անցելու, գնացել էր ուղղակի Եպանչինների մոտ։ «Այնտեղ սարսափելի բան է»։ Հասկանալի է, առաջին պլանի վրա կառքն է, բայց հավանաբար այստեղ էլի ինչ-որ բան է պատահել, այնպիսի մի բան, որ Կոլյային ու իշխանին հայտնի չէ. «Հասկանալի է, ես լրտեսություն չէի անում և ոչ ոքի հարցաքննել չէի ուզում։ Ասենք, ինձ լավ ընդունեցին, որ ես նույնիսկ չէի սպասում. բայց ձեր մասին, իշխան, ո՛չ մի խո՜սք»։ Ամենագլխավորը և հետաքրքիրն այն է, որ Ագլայան նորերդ յուրայինների հետ գժտվել է Գանյայի համար։ Թե գործն ինչ մանրամասնություններ է ունեցել, հայտնի չէ, բայց թե Գանյայի համար է եղել (պատկերացրե՜ք դա), և նույնիսկ սարսափելի են կռվում, նշանակում է, ինչ-որ կարևոր բան է։ Գեներալն ուշ եկավ, եկավ խոժոռված, եկավ Եվգենի Պավլովիչի հետ, որին հրաշալի ընդունեցին, իսկ Եվգենի Պավլովիչն ինքը զարմանալի ուրախ և սիրալիր է։ Իսկ ամենահիմնավոր լուրն այն է, որ Լիզավետա Պրոկոֆևնան, առանց մի աղմուկի, իր մոտ է կանչել օրիորդների մոտ նստած Վարվառա Արդալիոնովնային և մեկընդմիշտ վռնդել է նրան տնից, ի դեպ, ամենաքաղաքավարի ձևով,― «Վարյայից, իրենից իմացա»։ Բայց երբ Վարյան դուրս է եկել, Լիզավետա Պրոկոֆևնայի մոտից և հրաժեշտ է ավել աղջիկներին, նրանք իսկի չեն էլ իմացել, որ Վարյային ընդմիշտ արգելել են իրենց տուն մտնել և որ նա վերջին հրաժեշտ է տալիս նրանց։
 +
 +
— Բայց Վարվառա Արդալիոնովնան ժամը յոթին ինձ մո՞տ էր,— զարմացած հարցրեց իշխանը։
 +
 +
— Իսկ նրան վռնդել են ժամը ութին մոտ կամ ութին։ ես շատ եմ խղճում Վարյային, խղճում եմ Գանյային․․․ նրանք, անկասկած, մշտական բանսարկություններ ունեն, առանց դրանց անհնար է։ Եվ երբեք չեմ կարողացել իմանալ, թե ինչ են նյութում, և չեմ ուզում իմանալ։ Բայց հավատացնում եմ ձեզ, իմ սիրելի, բարի իշխան, որ Գանյայի մեջ սիրտ կա։ Նա, իհարկե, շատ տեսակետներից կորած մարդ է, բայց շատ տեսակետներից նրա մեջ կան այնպիսի գծեր, որոնք արժե փնտրել գտնելու համար, և ես երբեք չեմ ների ինձ, որ առաջ նրան չէի հասկանում... Չգիտեմ, արդյոք շարունակե՞մ հիմա, Վարյայի պատմությունից հետո։ Ճիշտ է, սկզբից ևեթ բոլորովին անկախ և առանձին դիրքի վրա եմ դրել, բայց և այնպես, պետք է կշռադատել։
 +
 +
― Դուք զուր եք չափից ավելի խղճում ձեր եղբորը,— նկատեց իշխանը,— եթե բանն այդտեղ է հասել, նշանակում է Լիզավետա Պրոկոֆևնայի աչքում Գավրիլա Արգալիոնովիչը վտանգավոր է, ուրեմն նրա որոշ հույսերը հաստատվում են։
 +
 +
― Ինչպե՜ս, ինչ հույսեր,— զարմացած գոչեց Կոլյան,— հո չե՞ք կարծում, որ Ագլայան... դա չի կարող պատահել։
 +
 +
Իշխանը լռեց։
 +
 +
— Դուք սարսափելի սկեպտիկ եք, իշխան,— մի երկու րոպե անց ավելացրեց Կոլյան,— ես նկատում եմ, որ որոշ ժամանակից ի վեր դուք չափազանց սկեպտիկ եք դառնում, դուք սկսում եք ոչնչի չհավատալ և ամեն ինչ ենթադրել․․․ իսկ այս դեպքում ես ճի՞շտ գործածեցի «սկեպտիկ» բառը։
 +
 +
― Կարծում եմ, որ ճիշտ, թեև ինքս էլ հաստատ չգիտեմ։
 +
 +
— Բայց ես ինքս հրաժարվում եմ «սկեպտիկ» բառից, և նոր բացատրություն գտա,— բղավեց հանկարծ Կոլյան,— դուք ոչ թե սկեպտիկ եք, այլ խանդող։ Դուք դժոխային չափերով խանդում եք Գանյային դեպի հայտնի հպարտ մի օրիորդ։
 +
 +
Այդ ասելով, Կոլյան վեր թռավ և սկսեց հռհռալ այնպես ինչպես, նրան գուցե երբեք չէր հաջողվել ծիծաղել։ Տեսնելով, որ իշխանը ամբողջովին շիկնեց, Կոլյան ավելի սաստիկ ծիծաղեց, նրան շատ դուր եկավ այն միտքը, որ իշխանը խանդում է Ագլայային, բայց նա անմիջապես լռեց, նկատելով, որ իշխանն անկեղծորեն վշտացավ։ Ապա նրանք շատ լուրջ ու մտահոգված զրուցեցին ևս մեկ կամ մեկուկես ժամ։
 +
 +
Հաջորդ օրը մի անհետաձգելի գործով իշխանը ամբողջ առավոտն անցկացրեց Պետերբուրգում։ Կեսօրվա ժամը հինգին վերադառնալով Պավլովսկ, երկաթուղու կայարանում նա հանդիպեց Իվան Ֆյոդորովիչին։ Սա արագ բռնեց իշխանի ձեռքը, կարծես թե վախեցած նայեց շռւրջը, և իշխանին իր հետ քարշ տվեց առաջին կարգի վագոն, որպեսզի միասին գնան։ Նա այրվում էր ինչ֊որ կարևոր բանի մասին խոսելու ցանկությունից։
 +
 +
— Նախ և առաջ, սիրելի իշխան, մի բարկացիր ինձ վրա, և եթե իմ կողմից մի բան եղել է, մոռացիր։ Ես ինքս դեռ երեկ կանցնեի քեզ մոտ, բայց չգիտեի, թե դրան ինչպես կնայեր Լիզավետա Պրոկոֆևնան... Իմ տունը... ուղղակի գժոխք է, խորհրդավոր սֆինքս է մտել այնտեղ, իսկ ես շրջում եմ, ոչինչ չեմ հասկանում։ Ինչ վերաբերում է քեզ, ապա իմ կարծիքով դու մեր բոլորից ամենից քիչ ես մեղավոր, թեև, իհարկե, քո պատճառով շատ բան ստացվեց։ Գիտե՞ս ինչ, իշխան, ֆիլանտրոպ լինելը հաճելի է, բայց ոչ այնքան։ Երևի ինքդ արդեն ճաշակել ես պտուղները։ Ես, իհարկե, սիրում եմ բարությունը և հարգում եմ Լիզավետա Պրոկոֆևնային, բայց...
 +
 +
Գեներալը դեռ երկար շարունակում էր այդ ոգով, բայց նրա բառերը զարմանալի անկապ էին։ Երևում էր, որ նա չափազանց ցնցված ու շփոթված է իր համար ծայրահեղորեն անհասկանալի մի բանից։
 +
 +
— Ես կասկած չունեմ, որ գու այստեղ խառը չես,— վերջապես ավելի պարզ արտահայտվեց նա,— բայց միառժամանակ մեզ մի այցելիր, ընկերաբար խնդրում եմ քեզ, մինչև քամու ուղղությունը փոխվի։ Ինչ վերաբերում է Եվգենի Պավլովիչին,— բղավեց նա անսովոր եռանդով,— ապա այդ ամենը անմիտ զրպարտություն է, զրպարտություն զրպարտությանց։ Դա չարախոսություն է, այստեղ բանսարկություն է, ամեն ինչ քանդելու և մեզ գժտեցնելու ցանկություն։ Տեսնո՞ւմ ես, իշխան, ականջիդ եմ ասում, մեր և Եվգենի Պավլովիչի մեջ դեռ ոչ մի խոսք չի եղել, հասկանո՞ւմ ես։ Մենք ոչնչով կապված չենք, բայց այդ խոսքր կարող է ասվել, և նույնիսկ շուտով, և նույնիսկ, կարող է պատահել, շատ շուտով։ Ահա ուրեմն, որպեսզի վնասեն։ Իսկ թե ինչու, ինչ պատճառով՝ չեմ հասկանում։ Զարմանալի կին է, էքսցենտրիկ կին, նրանից այնքան եմ վախենում, որ հազիվ եմ քնում։ Եվ ի՜նչ կառք է, սպիտակ ձիեր, չէ՞ որ դա շիկ է, չէ՞ որ դա հենց այն է, ինչը ֆրանսերեն կոչվում է շի՜կ։ Այդ ո՞վ է նրան տվել։ Աստված վկա, մեղք գործեցի, երեք օր առաջ մտքովս անցկացրի, թե Եվգենի Պավլովիչը։ Բայց բանից դուրս է գալիս, որ չի էլ կարող պատահել, իսկ եթե չի կարող պատահել, ապա նա ինչո՞ւ է ուզում այստեղ խանգարել։ Ահա, ահա խնդիրը։ Որպեսզի իր մոտ պահի Եվգենի Պավլովիչի՞ն։ Բայց կրկնում եմ քեզ, ահա խաչը վկա, որ Եվգենի Պավլովիչը նրա հետ ծանոթ չէ և որ այդ մուրհակները հնարած բան են։ Եվ այդպիսի անպատկառությամբ փողոցի մի ծայրից մյուսը նրան ''դու'' է բղավում։ Զուր դավադրություն։ Պարզ բան է, որ պետք է բացասել արհամարհանքով, իսկ Եվգենի Պավլովիչի նկատմամբ կրկնապատկել հարգանքը։ Այդպես էլ ասացի Լիզավետա Պրոկոֆևնային։ Հիմա քեզ կասեմ իմ ամենաթաքուն միտքը. ես համառորեն համոզված եմ, որ նա այդ անում էր անձնապես ինձ վրեժխնղիր լինելու համար, հիշո՞ւմ ես, առաջվանի համար, թեև ես երբեք և ոչ մի բանում նրա առաջ մեղավոր չեմ եղել։ Շիկնում եմ լոկ հիշելուց։ Հիմա ահա նա կրկին հայտնվեց։ Ես կարծում էի, բոլորովին անհայտացել է, իսկ որտե՞ղ է նստում այդ Ռոդոժինը, ասացեք խնդրեմ։ Ես կարծում էի, ''այդ կինը'' արդեն վաղուց տիկին Ռոգոժինա է։
 +
 +
Մի խոսքով, մարդը խիստ շշկլվել էր։ Գրեթե մի ամբողջ ժամ տևող ճանապարհին միայն նա էր խոսում, հարցեր էր տալիս, ինքն էլ լուծում դրանք, սեղմում էր իշխանի ձեռքը, ու թերևս, հենց միայն այն բանում համոզեց իշխանին, որ մտքովն էլ չի անցկացնում որևէ բանում կասկածել նրան։ Դա իշխանի համար կարևոր էր։ Նա վերջացրեց Եվգենի Պավլովիչի հարազատ հորեղբոր մասին պատմելով, որը Պետերբուրգում ինչ֊որ գրասենյակի պետ է,— «աչքի ընկնող տեղում, յոթանասուն տարեկան, կենսասեր, խորտկասեր և առհասարակ հաճոյակատար մի ծերուկ է... Հա՜-հա՜։ Ես գիտեմ, որ նա լսել է Նաստասյա Ֆիլիպովնայի մասին և նույնիսկ ջանացել է մտերմանալ։ Նորերս գնացի նրա մոտ. չի ընդունում, տկար է, բայց հարուստ է, հարուստ, կշիռ ունի և... աստված նրան երկար կյանք տա, բայց և այնպես՝ էլի ամեն ինչ Եվգենի Պավլովիչին կմնա․․․ այո, այո... իսկ ես այնուամենայնիվ վախենում եմ... Կարծես օդում մի բան է թևածում, կարծես թե չղջիկ, դժբախտություն է թռչում, և վախենում եմ, վախենում․․․»։
 +
 +
Եվ, վերջապես, միայն երրորդ օրը, ինչպես արդեն գրել էինք վերը, տեղի ունեցավ Եպանչինների ձևական հաշտությունը իշխան Լև Նիկոլաևիչի հետ։
 +
 +
 +
=== XII ===
 +
 +
Կեսօրվա ժամը յոթն էր. իշխանը պատրաստվում էր գնալ զբոսայգի։ Հանկարծ Լիզավետա Պրոկոֆևնան մենակ մտավ նրա պատշգամբը։
 +
 +
— ''Նախ և առաջ'', չհամարձակվես մտքովդ անցկացնել,— ասաց նա,— որ քեզ մոտ եկել եմ ներողություն խնդրելու։ Դատարկ բան։ Ամեն ինչում դու ես մեղավոր։
 +
 +
Իշխանը լուռ էր։
 +
 +
— Մեղավո՞ր ես, թե՞ ոչ։
 +
 +
— Նույնքան, որքան և դուք։ Ասենք, ոչ ես, ոչ դուք, մենք երկուսս էլ ոչ մի բանում դիտավորյալ մեղավոր չենք։ Ես երեք օր աոաջ ինձ մեղավոր էի համարում, իսկ հիմա մտածեցի, որ դա այդպես չէ։
 +
 +
— Ա՜յ թե դու ինչպես։ Դե լավ. ուրեմն լսիր և նստիր, որովհետև ես մտադիր չեմ կանգնելու։
 +
 +
երկուսն էլ նստեցին։
 +
 +
— ''Երկրորդ''՝ ոչ մի խոսք չարամիտ անպիտան տղաների մասին։ Ես կնստեմ ու քեզ հետ կխոսեմ տասը րոպե. ես եկել եմ քեզ մոտ տեղեկանք ստանալու (իսկ դու աստված գիտի, թե ի՞նչ էիր կարծում), և եթե դու գեթ մի ծպտուն հանես հանդուգն անպիտան տղաների մասին, ես վեր եմ կենում և գնում եմ, և արդեն ընդմիշտ քեզ հետ խզում կապերս։
 +
 +
— Լավ,— պատասխանեց իշխանը։
 +
 +
— Թույլ տուր քեզ հարցնելու, մի երկու կամ երկուսուկես ամիս առաջ, զատկի տոների մոտ դու բարեհաճե՞լ ես Ագլայային նամակ ուղարկել։
 +
 +
— Գը֊գրել եմ։
 +
 +
— Իսկ ի՞նչ նպատակով։ Ի՞նչ կար նամակում։ Ցույց տուր նամակը։
 +
 +
Լիզավետա Պրոկոֆևնայի աչքերը բոցավառվում էին անհամբերությունից, նա համարյա դողում էր։
 +
 +
— Ինձ մոտ նամակ չկա,— սաստիկ զարմացավ ու վախվորեց իշխանը,— եթե կա և դեռ չի ոչնչացված, ապա Ագլայա Իվանովնայի մոտ է։
 +
 +
— Պոչ մի՛ խաղացրու։ Ինչի՞ մասին էիր գրել։
 +
 +
— Ես պոչ չեմ խաղացնում և ոչնչից չեմ վախենում։ Ես պատճառ չեմ գտնում, թե ինչու չպիտի գրեի...
 +
 +
— Լռի՛ր։ Հետո կխոսես։ Ի՞նչ կար նամակում։ Ինչո՞ւ կարմրեցիր։
 +
 +
Իշխանը փոքր֊ինչ մտածեց։
 +
 +
— Ես չգիտեմ ձեր մտքերը, Լիզավետա Պրոկոֆևնա։
 +
 +
Միայն տեսնում եմ, որ այդ նամակը ձեզ բոլորովին դուր չի գալիս։ Համաձայնեցեք, որ ես կարող էի հրաժարվել այդպիսի հարցին պատասխանելուց, բայց որպեսզի ձեզ ցույց տամ, որ ես նամակի համար չեմ վախենում և չեմ ափսոսում, որ գրել եմ, և բնավ չեմ կարմրում դրա համար (իշխանը համարյա կրկնակի կարմրեց), ես ձեզ կկարդամ այդ նամակը, որովհետև, կարծես, անգիր հիշում եմ։
 +
 +
Այդ ասելով, իշխանը գրեթե բառ առ բառ կարդաց այդ նամակը, ինչպես որ գրված էր։
 +
 +
― Ինչպիսի՜ բարբաջանք։ Քո կարծիքով ի՞նչ կարող է նշանակել այդ դատարկաբանությունը,— խիստ հարցրեց Լիզավետա Պրոկոֆևնան, արտասովոր ուշադրությամբ լսելով նամակը։
 +
 +
— Ինքս էլ չգիտեմ լիովին․ գիտեմ, որ զգացմունքս անկեղծ էր։ Այնտեղ կյանքով ու հույսերով լի րոպեներ էի ունենում։
 +
 +
— Ի՞նչ հույսերով։
 +
 +
― Դժվար է բացատրել, միայն ոչ այնպիսի հույսերով, ինչպես գուցե հիմա դուք կարծում եք... Դե, մի խոսքով ապագայի հույսերով և այն ուրախությամբ, որ, գուցե, ես ''այնտեղ'' օտար չեմ, օտարերկրացի չեմ։ Հայրենիքը հանկարծ ինձ շատ դուր եկավ։ Մի արևոտ առավոտ ես գրիչ վերցրի ու նամակ գրեցի նրան, ինչու նրան՝ չգիտեմ։ Չէ՞ որ մարդ երբեմն ուզում է կողքին մտերիմ ունենալ, ըստ երևույթին, ես էլ ուղեցա մտերիմ ունենալ․․․― փոքր-ինչ լռելով ավելացրեց իշխանը։
 +
 +
—— Սիրահարվա՞ծ ես, ինչ է։
 +
 +
— Ո-ոչ։ Ես... ես գրել եմ ինչպես քրոջ, ես նույնիսկ ստորագրել եմ եղբայր։
 +
 +
— Հը՛մ, դիտմամբ. հասկանամ եմ։
 +
 +
— Ինձ համար շատ ծանր է այդ հարցերին պատասխանել, Լիզավետա Պրոկոֆևնա։
 +
 +
— Գիտեմ, որ ծանր է, բայց բոլորովին իմ գործը չէ, որ քեզ համար ծանր է։ Լսիր, պատասխանիր ինձ ճշմարիտը, ինչպես աստծու առաջ, դու ինձ խաբո՞ւմ ես, թե չես խաբում։
 +
 +
— Չեմ խաբում։
 +
 +
— Ճի՞շտ ես ասում, որ սիրահարված չես։
 +
 +
— Կարծես, միանգամայն ճիշտ։
 +
 +
― Մի տե՜ս, «կարծես»։ Անպիտան տղա՞ն է հանձնել։
 +
 +
— Ես խնդրել եմ Նիկոլայ Արդալիոնովիչին․․․
 +
 +
— Անպիտան տղա՜ է։ Անպիտան տղա,— ազարտով ընդհատեց Լիզավետա Պրոկոֆևնան,― բոլորովին չգիտեմ, թե այդ ինչ Նիկոլայ Արդալիոնովիչ է։ Անպիտան տղա է։
 +
 +
— Նիկոլայ Արդալիոնովիչը․․․
 +
 +
— Անպիտան աղա է, ասում եմ քեզ։
 +
 +
— Ոչ, ոչ թե անպիտան տղա, այլ Նիկոլայ Արդալիոնովիչ,— հաստատ, թեև բավական կամացուկ պատասխանեց, վերջապես, իշխանը։
 +
 +
— Դե լա՜վ, աղավնյակս, լա՜վ։ Ես քեզ կհիշեցնեմ դա։
 +
 +
Մի րոպե նա հաղթահարում էր իր հումունքը և հանգստանում էր։
 +
 +
— Իսկ ի՞նչ բան է «աղքատ ասպետը»։
 +
 +
— Բոլորովին չգիտեմ. դա առանց ինձ է եղել, որևէ կատակ կլինի։
 +
 +
— Հաճելի է հանկարծ իմանալ։ Միայն մի՞թե նա կարող էր քեզնով հետաքրքրվել։ Չէ՞ որ նա ինքն էր քեզ «այլանդակիկ» և «ապուշ» անվանում։
 +
 +
— Դուք կարող էիք այդ բանն ինձ չհայտնել,— կշտամբալի, համարյա շշուկով նկատեց իշխանը։
 +
 +
— Մի՛ նեղանա։ Ինքնիշխան, խենթ, երես առած աղջիկ է, եթե սիրի, անպայման բարձրաձայն կնախատի և երեսին կծաղրի։ Ես ճիշտ նույնպիսին էի։ Միայն, խնդրեմ, մի ցնծա, աղավնյակս, քոնը չի. հավատալ չեմ ուզում դրան, և երբեք չի լինի։ Նրա համար եմ ասում, որ դու հենց հիմա միջոցների դիմես։ Լսիր, երդվիր, որ դու ամուսնացած չես ''այն կնոջ'' հետ։
 +
 +
— Լիզավետա Պրոկոֆենա, ի՞նչ եք ասում, ի սեր ասածու,— քիչ մնաց տեղից վեր թռչեր իշխանը զարմանքից։
 +
 +
— Բայց ախր քիչ մնաց ամուսնպնայի՞ր։
 +
 +
— Քիչ մնաց ամուսնանայի,— շշնջաց իշխանը և գլուխը կախեց։
 +
 +
— Ինչ, ուրեմն ''նրա՞ն'' ես սիրահարված, եթե այդպես է։ Հիմա ''նրա՞'' համար ես եկել։ Այդ ''կնո՞ջ''։
 +
 +
— Ես նրա համար չեմ եկել որ ամուսնանամ,— պատասխանեց իշխանը։
 +
 +
— Քեզ համար որևէ է սրբություն կա՞ աշխարհիս երեսին։
 +
 +
— Կա։
 +
 +
— Երդվիր, որ ''նրա'' հետ ամուսնանալու չես եկել։
 +
 +
— Երդվում եմ ինչով կուզեք։
 +
 +
— Հավատում եմ. համբուրիր ինձ։ Վերջապես ազատ շնչեցի. բայց գիտցիր, Ագլայան քեզ չի սիրում, միջոցների դիմիր, և նա քեզ մարդու չի գնա, քանի դեռ ես ապրում եմ աշխարհի երեսին։ Իմացա՞ր։
 +
 +
— Իմացա։
 +
 +
Իշխանն այն աստիճան կարմրում էր, որ չէր կարող ուղիղ նայել Լիզավետա Պրոկոֆևնային։
 +
 +
— Ուրեմն ականջիդ օղ արա։ Ես քեզ սպասում էի ինչպես նախախնամություն (դրան արժանի չէի՜ր դու), գիշերները բարձս արցունքով էի ողողում, ոչ թե քեզ համար, աղավնյակս, մի անհանգստացիր, ես իմ, ուրիշ, վիշտն ունեմ, հավիտենական ու միշտ միևնույն։ Բայց ահա թե ինչու էի քեզ այդպիսի անհամբերությամբ սպասում. ես դեռ շարունակում եմ հավատալ, որ աստված ինքն է քեզ ուղարկել ինձ որպես բարեկամ և որպես հարազատ եղբայր։ Մոտս ոչ ոք չկա, բացի պառավ Բելոկոնսկայայից, բայց նա էլ թռավ֊գնաց, համ էլ պառավությունից ոչխարի պես հիմարացել է։ Հիմա պատասխանիր ուղղակի ''այո'' կամ ոչ. գիտե՞ս թե երեք օր առաջ ''նա'' ինչու էր բղավում կառքից։
 +
 +
— Ազնի՛վ խոսք, որ ես դրանում չեմ մասնակցել և ոչինչ չգիտեմ։
 +
 +
— Բավական է, հավատում եմ։ Հիմա ես էլ ուրիշ մտքեր ունեմ այդ մասին, բայց դեռ երեկ, առավոտյան, ամեն ինչում մեղադրում էի Եվգենի Պավլովիչին։ Երեք օր առաջվա ամբողջ օր ու գիշերը և երեկ առավոտյան։ Հիմա, իհարկե, չեմ կարող չհամաձայնել նրանց հետ. ակնհայտ է, որ այստեղ նրա վրա, ինչպես հիմարի, ծիծաղել են չգիտես ինչու, ինչ պատճառով, ինչի համար (լոկ սա արդեն կասկածելի է, և բարետեսիլ չէ), բայց Ագլայան չի լինի նրա կինը, ասում եմ սա քեզ։ Շատ էլ որ նա լավ մարդ է, բայց դա այդպես էլ կլինի։ Ես առաջ էլ տատանվում էի, իսկ հիմա արդեն հաստատ որոշեցի․ «Առաջ ինձ դագաղ դրեք և թաղեցեք հողում, իսկ հետո աղջկանս ամուսնացրեք», ահա ինչ ասացի կտրուկ Իվան Ֆյոդորովիչին այսօր։ Տեսնո՞ւմ ես, ինչ եմ վստահում քեզ, տեսնո՞ւմ ես։
 +
 +
— Տեսնում եմ և հասկանում։
 +
 +
Լիզավետա Պրոկոֆևնան թափանցող հայացքով ուշադիր նայում էր իշխանին. գուցե ուզում էր իմանալ, թե նրա վրա ինչ տպավորություն է գործում Եվգենի Պավլովիչի մասին լսած լուրը։
 +
 +
— Գավրիլա Իվոլգինի մասին ոչի՞նչ չգիտես։
 +
 +
— Այսինքն․․․ շատ բան գիտեմ։
 +
 +
— Գիտեի՞ր, թե ոչ, որ նա հարաբերությունների մեջ է Ագլայայի հետ։
 +
 +
— Բոլորովին չգիտեի,— զարմացավ և նույնիսկ ցնցվեց իշխանը,— ինչպե՞ս, դուք ասում եք, Գավրիլա Արդալիոնովիչը հարաբերությունների մեջ է Ագլայա Իվանովնայի հե՞տ։ Չի՛ կարող պատահել։
 +
 +
— Բոլորովին վերջերս։ Այստեղ քույրը ամբողջ ձմեռ նրա համար ճանապարհ էր բացում, աշխատում էր առնետի պես։
 +
 +
— Ես չեմ հավատում,— հաստատ կրկնեց իշխանը որոշ մտմտուքից ու հուզմունքից հետո։— Եթե դա լիներ, հավանաբար ես կիմանայի։
 +
 +
― Չլինի՞ թե նա ինքը կգար և կրծքիդ վրա արցունք թափելով կխոստովաներ։ Է՜խ, դու, պարզամի՜տ, պարզամի՜տ։ Բոլորը քեզ խաբում են ինչպես... ինչպես... Եվ չե՞ս ամաչում, որ նրան հավատ ես ընծայում։ Մի՞թե չես տեսնում, որ նա ամեն ձևով քեզ պլոկել է։
 +
 +
— Ես լավ գիտեմ, որ նա երբեմն ինձ խաբում է,— դժկամությամբ արտասանեց իշխանը կիսաձայն,— և նա գիտի, որ ես գիտեմ այդ...— ավելացրեց նա և խոսքը կիսատ թողեց։
 +
 +
— Գիտենալ և հավա՜տ ընծայել։ Այդ էր պակաս։ Ասենք, քո կողմից այդպես էլ պիտի լինի։ Իսկ ե՞ս ինչու եմ զարմանում։ Տեր աստված։ Եղե՞լ է արդյոք մի ուրիշ այսպիսի մարդ։ Թո՛ւհ։ Իսկ գիտե՞ս, որ այդ Գանկան կամ այդ Վարկան, նրան հարաբերության մեջ են դրել Նաստասյա Ֆիլիպովնայի հետ։
 +
 +
— Ո՞ւմ,— բացականչեց իշխանը։
 +
 +
— Ագլայային։
 +
 +
— Չե՛մ հավատում։ Դա չի կարող պատահել։ Իսկ ի՞նչ նպատակով։
 +
 +
Նա վեր թռավ աթոռից։
 +
 +
— Ես էլ չեմ հավատում, թեև հանցանշաններ կան։ Ինքնակամ աղջիկ է, ֆանտաստիկ աղջիկ է, խելագար աղջիկ է։ Չար, չար, չար աղջիկ է։ Հազար տարի կպնդեմ, որ չար է։ Հիմա իմ բոլոր աղջիկներն այդպես են, նույնիսկ այդ թրջված հավը, Ալեքսանդրան, բայց այս մեկն արդեն բոլորովին դուրս է պրծել ձեռքիցս։ Բայց ես չեմ հավատում։ Գուցե նրա համար, որ չեմ ուզում հավատալ,— ավելացրեց նա կարծես թե ինքն իր մեջ։— Ինչո՞ւ չէիր գալիս,— հանկարծ նորից դարձավ նա իշխանին։— Ամբողջ երեք օր ինչո՞ւ չէիր գալիս,— անհամբեր բղավեց նրա երեսին մի անգամ ևս։
 +
 +
Իշխանն սկսեց պատմել իր պատճառները, բայց նա նորից ընդհատեց։
 +
 +
— Բոլորը քեզ հիմարի տեղ են դնում և խաբում են։ Դու երեկ քաղաք ես գնացել. գրազ կգամ, ծունկի ես եկել, խնդրել ես այդ սրիկային տասը հազարն ընդունել։
 +
 +
— Բոլորովին ոչ, մտքովս էլ չի անցել։ Նույնիսկ չեմ տեսել նրան և, բացի այդ, նա սրիկա չէ։ Ես նրանից նամակ եմ ստացել։
 +
 +
— Ցո՛ւյց տուր նամակը։
 +
 +
Իշխանը թղթապանակից մի տոմսակ հանեց և տվեց Լիզավետա Պրոկոֆևնային։ Տոմսակում գրված էր.
 +
 +
«Ողորմած տեր, ես, իհարկե, մարդկանց աչքում նվազագույն իսկ իրավունք չունեմ ինքնասիրություն ունենալու։ Մարդկանց կարծիքով ես չափազանց չնչին եմ դրա համար։ Բայց դա մարդկանց աչքում և ոչ թե ձեր։ Ես շատ համոզվեցի, որ դուք, ողորմած տեր, գուցե ավելի լավն եք, քան ուրիշները։ Ես համաձայն չեմ Դոկտորենկոյի հետ և տարակարծիք եմ նրա այդ համոզմանը։ Ես ձեզնից երբեք չեմ վերցնի ոչ մի կոպեկ, բայց դուք օգնել եք իմ մորը, և դրա համար ես պարտավոր եմ ձեզ շնորհապարտ լինել, թեպետև թուլությանս պատճառով։ Համենայն դեպս, ես ձեզ վրա այլ կերպ եմ նայում և հարկ համարեցի ձեզ տեղեկացնել։ Եվ ապա ենթադրում եմ, որ մեր մեջ այլևս ոչ մի հարաբերություն չի կարող լինել։ ''Անտիպ Բուրդովսկի''»։
 +
 +
«P․S․ երկու հարյուր հիսուն ռուբլուց պակասած գումարը ժամանակի ընթացքում լրիվ կվճարվի ձեզ»։
 +
 +
— Ա՜յ թե խառնաշփոթություն է,— եզրակացրեց Լիզավետա Պրոկոֆևնան, ետ շպրտելով տոմսակը,— նույնիսկ չարժեր կարդալ։ Ի՞նչ ես քմծիծաղ տալիս։
 +
 +
— Համաձայնեցեք, որ ձեզ համար էլ հաճելի էր կարդալը։
 +
 +
— Ինչպե՜ս։ Սնափառությամբ տառապող այս բարբաջանքը։ Մի՞թե դու չես տեսնում, որ նրանք բոլորը խելքները թռցրել են հպարտությունից ու սնափառությունից։
 +
 +
— Այո, բայց համենայն դեպս նա մեղա է եկել, կապերը խզել է Դոկտորենկոյի հետ, և նույնիսկ որքան ավելի փառասեր է, այդքան ավելի թանկ է նստել դա նրա փառասիրությանը։ Օ, ինչպիսի՜ փոքրիկ երեխա եք դուք, Լիզավետա Պրոկոֆևնա։
 +
 +
— Ինչ է, դու վերջ ի վերջո մտադիր ես ինձնից ապտա՞կ ստանալ։
 +
 +
— Ոչ, բոլորովին մտադիր չեմ։ Այլ նրա համար, որ դուք ուրախ եք տոմսակի համար, բայց թաքցնում եք այդ։ Ինչո՞ւ եք ամաչում ձեր զգացմունքներից։ Ախր դուք ամեն բանում այդպես եք։
 +
 +
— Հիմա չհամարձակվես ոտք դնել շեմս,— վեր թռավ Լիզավետա Պրոկոֆևնան, զայրույթից գունատվելով,— սրանից հետո երբեք իզ ու թոզդ էլ չլինի իմ տանը։
 +
 +
— Իսկ երեք օր հետո ինքներդ կգաք և կկանչեք ձեզ մոտ... Է, ինչպե՞ս չեք ամաչում։ Դրանք ձեր լավագույն զգացմունքներն են, ինչո՞ւ եք ամաչում դրանցից։ Չէ՞ որ միայն տանջում եք ինքներդ ձեզ։
 +
 +
— Մեռնեմ, երբե՛ք չեմ կանչի։ Անունդ կմոռանամ։ Արդեն մոռացա։
 +
 +
Նա դուրս նետվեց իշխանի մոտից։
 +
 +
— Առանց ձեզ էլ ինձ արդեն արգելել են ձեզ մոտ գալը,— բղավեց նրա հետևից իշխանը։
 +
 +
— Ի֊ի՞նչ։ Ո՞վ է արգելել ձեզ։
 +
 +
Նա վայրկենաբար շուռ եկավ, կարծես ասեղով ծակեցին նրան։ Իշխանը տատանվեց՝ պատասխանի՞, թե ոչ, նա զգաց, որ անզգուշաբար, բայց խոսք փախցրեց բերանից։
 +
 +
― Ո՞վ է արգելել քեզ,— կատաղորեն բղավեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 +
 +
— Ագլայա Իվանովնան է արգելում․․․
 +
 +
— Ե՞րբ։ Դե ա-ասա՛ տեսնե՜մ...
 +
 +
— Այսօր առավոտյան լուր էր ուղարկել, որ ես երբեք չհամարձակվեմ ձեզ մոտ գալ։
 +
 +
Լիզավետա Պրոկոֆևնան կանգնած էր քար կտրած, բայց նա միտք էր անում։
 +
 +
— Ի՞նչ էր ուղարկել։ Ո՞ւմ էր ուղարկել։ Անպիտան տղայի միջոցո՞վ, բերանացի՞,— նորից բացականչեց նա հանկարծ։
 +
 +
— Ես տոմսակ ստացա,— ասաց իշխանը։
 +
 +
— Ո՞ւր է։ Տո՛ւր, իսկույն։
 +
 +
Իշխանը մի րոպե մտածեց, սակայն ժիլետի գրպանից հանեց թղթի մի անփույթ պատառ, որի վրա գրված էր․
 +
 +
«Իշխան Լև Նիկոչաևիչ։ Եթե այն ամենից հետո, որ եղել է, դուք մտադիր եք ինձ զարմացնել մեր ամառանոցն այցելելով, ապա, համոզված եղեք, ինձ չեք գտնի ուրախացածների թվում։ ''Ագլայա Եպանչինա''»։
 +
 +
Լիզավետա Պրոկոֆևնան մի րոպե կշռադատում էր․ հետո հանկարծ նետվեց դեպի իշխանը, բռնեց նրա ձեռքը և քարշ տվեց իր հետևից։
 +
 +
— Հիմա՛։ Ե՛կ։ Դիտմամբ հիմա, ա՛յս րոպեի՜ս,— բացականչեց նա արտասովոր հուզմունքի ու անհամբերության նոպայով։
 +
 +
— Բայց ախր դուք ինձ ենթարկում եք․․․
 +
 +
— Ինչի՞։ Անմեղ պարզասի՜րտ։ Կարծես իսկի տղամարդ չլինի։ Դե, հիմա ամեն ինչ ես ինքս կտեսնեմ, սեփական աչքերովս...
 +
 +
— Բայց թույլ տվեք, գոնե գլխարկս վերցնեմ...
 +
 +
— Ահա քո զզվելի գլխարկը, գնանք։ Չես կարողացել նույնիսկ ձևը ճաշակով ընտրել... Այդ նա... այդ նա նոր պատահածից հետո... տաք֊տաք,— մրթմրթում էր Լիզավետա Պրոկոֆևնան, քարշ տալով իր հետևից իշխանին և ոչ մի րոպե բաց չթողնելով նրա ձեռքը,— քիչ առաջ ես քեզ պաշտպան կանգնեցի, բարձրաձայն ասացի հիմար ես, որ չես գալիս... այլապես չէր գրի այսպիսի անմիտ տոմսակ։ Անվայելուչ տոմսակ։ Անվայելուչ՝ ազնիվ, դաստիարակված, խելացի, խելացի աղջկա համար․․․ Հը՛մ,— շարունակում էր նա,— դե իհարկե, ինքն էլ էր բարկանում, որ չես գալիս, միայն հաշվի չի առել, որ ապուշին այդպես գրել չի կարելի, որովհետև տառացիորեն կընդունի, ինչպես որ ստացվեց։ Ի՞նչ ես ականջ դնում,— բղավեց նա ուշքի գալով, որ խոսք թռցրեց։— Նրան քեղ նման ծաղրածու է պետք, վաղուց չի տեսել, ահա թե ինչու է խնդրում քեզ։ Եվ ես ուրախ եմ, ուրախ եմ, որ նա հիմա քեզ ձեռ կառնի։ Հենց դրան էլ արժանի ես։ Իսկ նա կարողանո՜ւմ է, օ, ինչպե՜ս է կարողանում։
 +
 +
 +
== Երրորդ մաս ==
 +
 +
=== I ===
 +
 +
Րոպեն մեկ գանգատվում են, թե մեզանում գործնական մարդիկ չկան, որ քաղաքագետ մարդիկ, օրինակ, շատ են. գեներալներ նույնպես շատ կան․ զանազան կառավարիչներ, ինչպիսիք ուզենաս, ինչքան որ պետք լինի, անմիջապես կարելի է ճարել, իսկ գործնական մարդիկ չկան։ Համենայն դեպս բոլորը գանգատվում են, որ չկան։ Նույնիսկ, ասում են, որոշ երկաթուղիներում կարգին սպասավորներ չկան. ասում են, ոչ մի կերպ հնարավոր չէ որևէ նավային ընկերության փոքրիշատե տանելի ադմինիստրացիա ստեղծել։ Լսում ես, մի տեղ, որևէ նորաբաց ճանապարհի վրա ընդհարվել կամ կամուրջի վրա խորտակվել են վագոնները, մի տեղ, գրում են, գնացքը համարյա ձմեռել է ձյունապատ դաշտում, մի քանի ժամվա ճանապարհ է եղել, բայց հինգ օր կանգնել մնացել են ձյան մեջ։ Մի տեղ, պատմում են, բազմահազար փթերով ապրանք է փտում նույն տեղում երկուական ու երեքական ամիս մնալով, սպասելով առաքման, իսկ մի տեղ էլ, ասում են (նույնիսկ մարդու հավատալը չի գալիս), մի վարչարար, այսինքն՝ ինչ-որ վերակացու, մի վաճառականի գործակատարի, որը պնդելիս է եղել, որ իր ապրանքներն առաքի, առաքման վախարեն «վարչարարություն է արել» գործակատարի ատամներին, և դեռ իր վարչարարական արարքը բացատրել է նրանով, որ ինքը «տաքացել է»։ Թվում է, պետական ծառայության այնքան ատյաններ կան, որ նույնիսկ սարսափելի է մտածելը. բոլորը ծառայել են, բոլորը ծառայում են, բոլորը մատդիր են ծառայել, ուրեմն, թվում է, այդպիսի նյութից ինչպե՞ս կարելի է մի կարգին նավային ընկերության ադմինիստրացիա չկազմել։
 +
 +
Դրան երբեմն շաա հասարակ պատասխան են տալիս, այնքան հասարակ, որ նույնիսկ մարդ չի հավատում այդպիսի բացատրության։ Ճիշտ է, ասում են, մեզանում բոլորը ծառայել են կամ ծառայում են, և դա արդեն երկու հարյուր տարի է, ըստ գերմանական լավագույն օրինակի, ապուպապերից անցնում է ծոռներին, բայց ծառայողները հենց ամենաանգործնական մարդիկ են, և բանն այնտեղ է հասել, որ վերացականությունն ու գործնական գիտելիքի պակասը նույնիսկ բուն ծառայողների մեջ դեռ նորերս համարվում էին համարյա ամենամեծ առաքինությունն ու հանձնարարականը։ Ասենք, զուր տեղն սկսեցինք ծառայողների մասին խոսել, իսկապես ասած, մենք ուզում էինք խոսել գործնական մարդկանց մասին։ Այստեղ արդեն կասկած չկա, որ վախկոտությունն ու սեփական նախաձեռնության լիակատար պակասությունը մեզանում շարունակ համարվել է, նույնիսկ հիմա էլ համարվում է գործնական մարդու լավագույն հատկությունը։ Բայց ինչո՞ւ միայն մեզ մեղադրենք, եթե միայն այդ կարծիքը մեղադրանք համարելու լինենք։ Յուրօրինակության պակասությունը ամենուրեք էլ, ամբողջ աշխարհում, դարերից ի վեր միշտ համարվել է բանիմաց, գործնական ու պրակտիկ մարդու առաջին հատկությունը և լավագույն հանձնարարականը, և առնվազն մարդկանց իննսունինը հարյուրերորդականը (դա՝ առնվազը) միշտ այդ կարծիքին է եղել, և թերևս մարդկանց միայն մեկ հարյուրերորդականն է այլ կերպ նայել ու նայում։
 +
 +
Գյուտարարներն ու հանճարները դրեթե միշտ իրենց գործունեության սկզբում (իսկ շատ հաճախ նաև վերջում) հասարակության մեջ համարվել են ոչ ավելի, քան հիմարներ, սա արդեն բոլորին շատ ծանոթ ամենահնամոլ դիտողությունն է։ Եթե, օրինակ, տասնյակ տարիների ընթացքում բոլորն իրենց փողերը տանում էին լոմբարդ և միլիարդներ են տարել այնտեղ չորս տոկոսով, ապա հասկանալի է, երբ լոմբարդը դադարեց գոյություն ունենալուց և բոլորը մնացին սեփական նախաձեռնության հույսին, ապա այդ միլիոնների մեծ մասը պետք է անպայման ոչնչանար ակցիոներական տենդի մեջ և սրիկաների ձեռքում, և նույնիսկ այդպես էր պահանջում պատշաճությունը և բարեբարոյությունը։ Հենց բարեբարոյությունը. եթե մեզանում բարեբարո վեհերոտությունը և յուրօրինակության պատշաճ պակասը մինչև հիմա կազմում էին, ըստ ընդհանուրի կողմից ընդունված համոզման, բանիմաց և կարգին մարդու անկապտելի հատկությունը, ապա չափազանց անկարգ և նույնիսկ անպատշաճ բան կլիներ հանկարծ այդպես խիստ փոխվելը։ Օրինակ, իր զավակին քնքշորեն սիրող ո՞ր մայրը չի վախենա և վախից չի հիվանդանա, եթե նրա որդին կամ աղջիկը մի քիչ շեղվեն ճանապարհից. «Չէ, ավելի լավ է, թող երջանիկ լինի և ապրի լիության մեջ և առանց յուրօրինակության»,― մտածում է ամեն մի մայր, իր մանկանն օրորելիս։ Իսկ մեր դայակները, մանուկներին օրորելիս, վաղուց անտի մրմնջում ու երգում են. «Դու գեներալ կդառնաս ու ոսկու մեջ կլողաս»։ Այսպիսով, նույնիսկ մեր դայակները գեներալի աստիճանը համարել են ռուսի երջանկության գագաթնակետը և, նշանակում է, այդ աստիճանը եղել է հանգիստ, սքանչելի երանության ազգային ամենահանրամատչելի իդեալը։ Եվ հիրավի քննությունները միջակ տալուց և երեսունհինգ տարի ծառայելուց հետո մեզանում ո՞վ կարող էր վերջ ի վերջո, գեներալ չդառնալ և որոշ գումար չկուտակել լոմբարդում։ Այսպիսով, ռուս մարդը, գրեթե առանց որևէ ճիգի, վերջ ի վերջո հասնում էր բանիմաց ու գործնական մարդու կոչման։ Ըստ էության մեզանում գեներալ չդառնալ կարող էր միայն յուրօրինակ, այլ կերպ ասած անհանգիստ մարդը։ Թերևս այստեղ որոշ թյուրիմացություն կա, բայց, ընդհանրապես ասած, թվում է, սա ճիշտ է, և մեր հասարակությունը լիովին արդարացի էր գործնական մարդու իդեալը որոշելիս։ Այսուաամենայնիվ, մենք համենայն դեպս շատ ավելորդ բաներ ասացինք. այնինչ, իսկապես ասած, ուզում էինք մի քանի բացատրական խոսք ասել Եպանչինների մեզ ծանոթ ընտանիքի մասին։ Այդ մարդիկ կամ համենայն դեպս այդ ընտանիքի առավել դատող անդամները, մշտապես տառապում էին իրենց ընտանեկան համարյա ընդհանուր մի հատկությամբ, որ ուղիղ հակառակն էր այն առաքինությունների, որոնց մասին մենք հիմա դատողություններ էինք անում վերև։ Լիովին չհասկանալով փաստը (որովհետև դա դժվար է հասկանալ), այնուամենայնիվ նրանք երբեմն կասկածում էին, որ իրենց ընտանիքում ամեն ինչ մի տեսակ այնպես չի գնում, ինչպես բոլորի մոտ։ Բոլորի մոտ հարթ է, նրանց մոտ՝ խորդուբորդ, բոլորը գլորվում են ռելսերի վրայով, իրենք րոպեն մեկ դուրս են ընկնում ռելսերից։ Բոլորը ամեն րոպե բարեբարո կերպով վեհերում էին, իսկ իրենք՝ ոչ։ Լիզավետա Պրոկոֆևնան, ճիշտ է, նույնիսկ, չափազանց վախենում էր, բայց և այնպես դա այն բարձրաշխարհիկ բարեբարո վախը չէր, որի համար թախծում էին նրանք։ Սակայն կարող է պատահել, միայն Լիզավետա Պրոկոֆևնան էր անհանգստանում, աղջիկները դեռ ջահել էին, թեև շատ խորաթափանց ու ծաղրասեր մարդիկ, իսկ գեներալը թեպետև թափանցում էր (ի դեպ, ոչ առանց դժվարության), բայց դժվարին դեպքերում միայն ''հը՛մ'' էր անում, և վերջ ի վերջո ամբողջ հույսը դնում էր Լիզավետա Պրոկոֆևնայի վրա։ Կնշանակի հենց նրա վրա էլ ընկած էր պատասխանատվությունը։ Եվ այնպես չէր, որ այդ ընտանիքը, օրինակ, աչքի էր ընկնում իր որևէ սեփական նախաձեռնությամբ կամ ռելսերից դուրս էր ընկնում յուրօրինակության նկատմամբ ունեցած գիտակցական հակումից, որն արդեն բոլորովին անվայելուչ բան կլիներ։ Օ, ո՜չ։ Իսկապես ոչ մի այդպիսի բան չկար, այսինքն՝ գիտակցորեն դրված ոչ մի նպատակ, բայց և այնպես վերջ ի վերջո այնպես էր ստացվում, որ Եպանչինների ընտանիքը, թեև շատ հարգարժան, այնուամենայնիվ մի տեսակ այնպիսին չէր, ինչպիսին պետք է լինեին առհասարակ բոլոր հարգարժան ընտանիքները։ Վերջին ժամանակները Լիզավետա Պրոկոֆևնան սկսել էր ամեն ինչում մեղավոր համարել միայն իրեն և իր «դժբախտ» բնավորությունը, որից և շատացել էին նրա տառապանքները։ Նա ինքն էր ամեն րոպե իրեն անարգում «հիմար, անվայելուչ տարօրինակ կին» բառերով և տանջվում էր կասկածամտությունից, անընդհատ գլուխը կորցնում էր, ելք չէր գտնում իրերի մի որևէ ամենասովորական ընդհարումից և ամեն րոպե չափազանցնում էր դժբախտությունը։
 +
 +
Դեռ մեր պատմության սկզբում հիշատակել էինք, որ Եպանչինները վայելում էին ընդհանուր և իսկական հարգանք։ Նույնիսկ գեներալ Իվան Ֆյոդորովիչն ինքը, մութ ծագումով մի մարդ, անվիճելիորեն ու հարգանքով ընդունված էր ամեն տեղ։ Նա իսկապես էլ արժանի էր հարգանքի, նախ՝ որպես հարուստ և «ոչ վերջին» մարդ և երկրորդ՝ որպես միանգամայն կարգին, թեև սահմանափակ մարդ։ Բայց, թվում է, մտքի որոշ բթությունը գրեթե անհրաժեշտ հատկություն է, եթե ոչ ամեն մի գործչի, ապա, համենայն դեպս, ամեն մի լուրջ փող վաստակողի համար։ Վերջապես, գեներալը կարգին նիստ ու կաց ուներ, համեստ էր, գիտեր լսել և միաժամանակ թույլ չտալ, որ իր ոտը տրորեն, և ոչ թև միայն իր գեներալությամբ, այլև, որպես ազնիվ ու ազնվաբարո մարդ։ Ամենակարևորն այն էր, որ նա ուժեղ հովանավորություն ունեցող մարդ էր։ Ինչ վերաբերում է Լիզավետա Պրոկոֆևնային, ապա ինչպես վերևում արդեն բացատրված է, նա նաև լավ տոհմից էր, թեև մեզանում տոհմին շատ էլ չեն նայում, եթե ընդսմին անհրաժեշտ կապեր չկան։ Բայց վերջապես նա կապեր էլ ունեցավ. նրան հարգում էին և, վերջապես, սիրեցին այնպիսի մարդիկ, որ նրանցից հետո, բնականաբար, բոլորը պետք է հարգեին և ընդունեին նրան։
 +
 +
Կասկած չկա, որ նրա ընտանեկան տառապանքները անհիմն էին, չնչին պատճառ ունեին և ծիծաղելիության աստիճան չափազանցված էին. բայց եթե մեկի քթին կամ ճակատին գորտնուկ կա, չէ՞ որ ուղղակի թվում է, թե աշխարհի երեսին բոլորը միայն մի գործ ունեին և ունեն, որ ձեր գորտնուկին նայեն, դրա վրա ծիծաղեն և ձեզ դատապարտեն դրա համար, թեկուզ դուք նույնիսկ Ամերիկա հայտնագործած լինեիք։ Անկասկած է և այն, որ հասարակության մեջ Լիզավետա Պրոկոֆևնային իրոք «տարօրինակ կին» էին համարում, բայց և անվիճելիորեն հարգում էին նրան, իսկ Լիզավետա Պրոկոֆևնան վերջապես սկսեց չհավատալ և այն բանին, որ նրան հարգում են, և այդ էր նրա ամբողջ դժբախտությունը։ Իր աղջիկներին նայելով, նա տանջվում էր կասկածներից, թե անընդհատ ինչ֊որ բանով խանգարում է նրանց կարիերային, որ իր բնավորությունը ծիծաղելի է, անպատշաճ և անտանելի, որի համար, հասկանալի է, անընդհատ մեղադրում էր հենց իր իսկ աղջիկներին և Իվան Ֆյոդորովիչին, և ամբողջ օրերով կռվում էր նրանց հետ, միաժամանակ ինքնամոռացության և գրեթե կրքոտության աստիճան սիրելով նրանց։
 +
 +
Նրան ամենից ավելի տանջում էր այն կասկածը, որ իր աղջիկներն էլ դառնում են ճիշտ նույնպիսի «տարօրինակներ», ինչպես ինքն է և որ այդպիսի օրիորդներ, ինչպես նրանք են, բարձր հասարակության մեջ չեն լինում և չպետք է լինեն։ «Նիհիլիստուհիներ են մեծանում և ուրիշ ոչինչ», րոպեն մեկ ասում էր ինքն իրեն։ Վերջին տարիներին և հատկապես ամենավերջին ժամանակը, այդ տխուր միտքն սկսեց ավելի ու ավելի ամրապնդվել նրա մեջ։ «Նախ և առաջ նրանք ինչո՞ւ չեն ամուսնանում»,— րոպեն մեկ հարցնում էր նա իրեն։ «Որպեսզի տանջեն իրենց մորր, դրանում են նրանք տեսնում իրենց կյանքի նպատակը, և դա, իհարկե, այդպես է, որովհետև այդ բոլորը նոր գաղափարներ են, այդ բոլորը անիծյալ կանացի հարցն է։ Կես տարի առաջ Ագլայան չէ՞ր մտածել կտրել իր սքանչելի մազերը։ (Տե՜ր իմ, նույնիսկ ես Ժամանակին այդպիսի մազեր չեմ ունեցել)։ Ախր մկրատն արդեն ձեռքն էր առել, ախր միայն ծնկաչոք խնդրելով համոզեցի, որ չանի... Դե, ասենք, սա չարությունից էր անում, որպեսզի մորը տանջի, որովհետև չար աղջիկ է, ինքնակամ, երես առած, բայց գլխավորը՝ չա՛ր, չա՛ր, չա՛ր։ Բայց մի՞թե այդ հաստլիկ Ալեքսանդրան նրա հետևից չգնաց նույնպես մազերը կտրելու, և արդեն ոչ թե չարությունից, ոչ թե քմահաճությունից, այլ անկեղծորեն, հիմարի պես, որին հենց Ագլայան էր համոզել, թե նրա համար ավելի հանգիստ կլինի առանց մազի քնելը և գլուխը չի ցավի։ Եվ ահա արդեն հինգ տարի է ինչքա՜ն, ինչքա՜ն, ինչքա՜ն փեսացուներ են ունեցել նրանք։ Եվ իսկապես լավ մարդիկ են եղել, նույնիսկ սքանչելի մարդիկ են հանդիպել։ Ի՞նչ են սպասում նրանք, ինչո՞ւ չեն ամուսնանում։ Միմիայն որպեսզի մորը բարկացնեն, ուրիշ ոչ մի պատճառ չկա։ Ո՛չ մի։ Ո՛չ մի»։
 +
 +
Վերջապես կարծես արև ծագեց նաև նրա մայրական սրտի համար. գոնե մի աղջիկը, գոնե Ադելաիդան, վերջապես տեղավորված կլինի։ «Գոնե մեկին ուսերիցս թոթափեմ»,— ասում էր Լիզավետա Պրոկոֆևնան, երբ հարկ էր լինում բարձրաձայն արտահայտվել (մտքում նա անհամեմատ ավելի քնքուշ էր արտահայտվում)։ Եվ ինչ լավ, ինչ վայելուչ դրստվեց ամբողջ գործը. նույնիսկ բարձր հասարակության մեջ սկսեցին հարգանքով խոսել։ Նշանավոր մարդ է, իշխան, կարողության տեր, լավ մարդ է և այդ բոլորով հանդերձ նաև աղջկա սրտովն է, կարծես թե դրանից լավ էլ կարող էր լինել։ Բայց նա առաջ էլ Ադելաիդայի համար պակաս էր անհանգստանում, քան մյուս աղջիկների համար, թեև նրա արտիստական հակումները երբեմն շատ էին խռովում Լիզավետա Պրոկոֆևնայի անընդհատ կասկածող սիրտը։ «Փոխարենը՝ ուրախ բնավորություն ունի և միաժամանակ շատ խոհեմություն, նշանակում է չի կորչի աղջիկը,— մխիթարվում էր նա վերջ ի վերջո։ Ագլայայի համար ամենից ավելի էր վախենում նա։ Ի դեպ ասած, մեծի՝ Ալեքսանդրայի համար, Լիզավետա Պրոկոֆևնան ինքն էլ չգիտեր, թե ինչ աներ. վախենա՞ր, թե ոչ։ Մեկ նրան թվում էր, թե արդեն բոլորովին «կորավ աղջիկը». քսանհինգ տարեկան է, նշանակում օրիորդ էլ կմնա։ «Եվ այդպիսի գեղեցկությա՜մթ...»։ Լիզավետա Պրոկոֆևնան նույնիսկ լաց էր լինում գիշերները նրա համար, մինչդեռ նույն այդ գիշերները Ալեքսանդրա Իվանովնան քնում էր ամենահանգիստ քնով։ «Ի՞նչ է նա վերջապես, նիհիլիստուհի՞, թե ուղղակի հիմար»։ Որ հիմար չէր, ասենք դրանում Լիզավետա Պրոկոֆևնան ինքն էլ ոչ մի կասկած չուներ. նա չափազանց հարգում էր Ալեքսանդրա Իվանովնայի դատողությունները և սիրում էր նրա հետ խորհրդակցել։ Բայց որ «թրջված հավ» է, դրանում ոչ մի կասկած չկա. «Այնքան հանգիստ է, որ տեղից շարժել չի լինի»։ «Սակայն, «թրջված հավերնճ էլ հանգիստ չեն, թո՛ւհ։ Բոլորովին հալից ընկա նրանց երեսից»։ Լիզավետա Պրոկոֆևնան ինչ֊որ անբացատրելի կարեկցական համակրանք ուներ դեպի Ալեքսանդրա Իվանովնան, նույնիսկ ավելի, քան դեպի Ագլայան, որը նրա կուռքն էր։ Բայց մաղձոտ արարքները (որոնցով, գլխավորը, դրսևորվում էին նրա մայրական հոգածությունն ու համակրանքը), կռիվներ սարքելը, այնպիսի անունները, ինչպես «թրջված հավը», միայն Ալեքսանդրայի ծիծաղն էին բերում։ Երբեմն բանն այնտեղ էր հասնում, որ ամենադատարկ բաները սարսափելի բարկացնում էին Լիզավետա Պրոկոֆևնային և հավասարակշռությունից հանում։ Օրինակ, Ալեքսանդրա Իվանովնան շատ էր սիրում երկար քնել և սովորաբար շատ երազներ էր տեսնում, բայց միշտ նրա երազները չտեսնված դատարկ և անմեղ էին լինում, յոթ տարեկան երեխային սազական, և ահա նույնիսկ երազների այդ անմեղությունն սկսեց գրգռել մայրիկին։ Մի անգամ Ալեքսանդրա Իվանովնան երազում ինն հավ էր տեսել, և դրա պատճառով իսկական կռիվ եղավ նրա ու մոր միջև, թե ինչո՞ւ, դժվար է բացատրել։ Մի անգամ, միայն մի անգամ նրան հաջողվեց երազում տեսնել կարծես թե ինչ֊որ յուրօրինակ բան. նա տեսել էր ինչ֊որ մութ սենյակում մի աբեղայի, մենակ, ուր Ալեքսանդրա Իվանովնան վախենում էր մտնել։ Երկու քույրը հռհռալով երազն անմիջապես հանդիսավորությամբ հաղորդել էին Լիզավետա Պրոկոֆևնային, բայց մայրիկը նորից բարկացավ և բոլոր երեքին էլ հիմար անվանեց։ «Հը՛մ, հանդարտ է հիմարի պես, և ախր բոլորովին «թրջված հավ» է, տեղից շարժել չի լինի, բայց թախծում է, երբեմն բոլորովին տխուր հայացք է ունենում։ Ինչի՞ մասին է նա դարդ անում, ինչի՞»։ Երբեմն նա այդ հարցը տալիս էր նաև Իվան Ֆյոդորովիչին, և իր սովորության համաձայն՝ հիստերիկորեն, սպառնագին, անմիջապես պատասխանի սպասելով։ Իվան Ֆյոդորրվիչը հըմ֊հըմ էր անում, խոժոռվում, ուսերը թոթվում և վերջապես ձեռքերը տարածելով որոշում.
 +
 +
— Ամուսին է պետք։
 +
 +
— Միայն թե աստված նրան այնպիսի ամուսին չտա, ինչպիսին դուք եք, Իվան Ֆյոդորովիչ,— վերջապես ռումբի նման պայթում էր Լիզավետա Պրոկոֆևնան,— իր դատողություններով ու դատավճիռներով ձեզ նման չլինի, Իվան Ֆյոդորովիչ, այդպես կոպտաբարո կոպիտը չլինի, ինչպես դուք եք, Իվան Ֆյոդորովիչ․․․
 +
 +
Իվան Ֆյոդորովիչը անմիջապես հոգին ազատում էր, իսկ Լիզավետա Պրոկոֆևնան հանդարտվում էր իր ''պայթյունից'' հետո։ Հասկանալի է, հենց նույն օրը երեկոյան կողմ նա անխուսափելիորեն դառնում էր չտեսնված ուշադիր, սուսիկ, սիրալիր ու հարգալիր դեպի Իվան Ֆյոդորովիչը, դեպի իր «կոպտաբարո կոպիտ» Իվան Ֆյոդորովիչը, դեպի իր բարի ու սիրելի, պաշտելի Իվան Ֆյոդորովիչը, որովհետև նա ամբողջ կյանքում սիրել էր և նույնիսկ սիրահարված էր եղել իր Իվան Ֆյողորո։Լիչին, որի մասին շատ լավ գիտեր և ինքը՝ Իվան Ֆյոդորովիչը և դրա համար անսահմանորեն հարգում էր իր Լիզավետա Պրոկոֆենային։
 +
 +
Բայց նրա գլխավոր ու մշտական տանջանքը Ագլայան էր։
 +
 +
«Բոլորովին, բոլորովին ինձ պես է, իմ պատկերն է բոլոր տեսակետներից,— մտքում ասում էր Լիզավետա Պրոկոֆևնան,— ինքնասածի, գարշելի՜ սատանա։ Նիհիլիստուհի է, տարօրինակ աղջիկ, խենթ, չա՜ր, չա՛ր, չա՛ր։ Օ, տեր իմ, որքա՜ն դժբախտ կլինի նա»։
 +
 +
Բայց, ինչպես արդեն ասացինք, ծագած արևը մի րոպե ամեն ինչ մեղմացրել ու լուսավորել էր։ Համարյա մի ամիս եղավ Լիզավետա Պրոկոֆևնայի կյանքում, երբ նա գրեթե բոլորովին հանգստացավ բոլոր անհանգստություններից։ Ադելաիդայի մոտալուտ հարսանիքի կապակցությամբ բարձր հասարակության մեջ սկսեցին խոսել նաև Ագլայայի մասին, և ընդսմին ամենուրեք Ագլայան իրեն պահում էր այնքա՜ն լավ, այնքա՜ն հավասարակշռված, այնքա՜ն խելացի, այնքա՜ն հաղթական, փոքր֊ինչ հպարտ, բայց չէ՞ որ դա այնպե՜ս սազում է նրան։ Այնպե՜ս քնքուշ, այնպե՜ս սիրալիր էր մոր հետ մի ամբողջ ամիս։ (Ճիշտ է, այդ Եվգենի Պավլովիչին դեռ պետք է շատ, շատ ուշադիր զննել, պետք է ճանաչել նրան, և Ագլայան էլ, կարծես, ուրիշներից ավելի բարեհաճ չի հրա նկատմամբ)։ Համենայն դեպս հանկարծ այնպիսի սքանչելի աղջիկ է դարձել և որքա՜ն գեղեցիկ է նա, աստվա՜ծ, որքա՜ն գեղեցիկ է, օրավուր ավելի է գեղեցկանում։ Եվ ահա...
 +
 +
Եվ ահա հենց որ հայտնվեց այդ զզվելի իշխանուկը, այդ անպետք ապուշիկը, ամեն ինչ նորից պղտորվեց, տանն ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։
 +
 +
Ի՞նչ էր պատահել սակայն։
 +
 +
Ուրիշների համար երևի ոչինչ պատահած չլիներ։ Բայց հենց դրանով էր տարբերվում Լիզավետա Պրոկոֆևնան, որ ամենասովորական բաների զուգակցության և խառնաշփոթության մեջ իրեն միշտ հատուկ անհանգստության միջից նա միշտ կարողանում էր տեսնել մի այնպիսի բան, որ նրան երբեմն հիվանդության աստիճան վախեցնում էր ամենակասկածամիտ, ամենաանբացատրելի, ուրեմն և ամենածանր վախով։ Ուրեմն ի՛նչ էր նրա վիճակը, երբ հանկարծ հիմա, ծիծաղելի և անհիմն անհանգստությունների ողջ խառնափնթորության միջից իրոք սկսեց երևալ կարծես թե ինչ֊որ իսկապես կարևոր, կարծես թե իրոք և տագնապների, և տարակուսանքի, և՛ կասկածների արժանի բան։
 +
 +
«Եվ ինչպե՞ս են համարձակվել, ինչպե՞ս են համարձակվել գրել ինձ այդ անիծյալ անոնիմ նամակը այդ արարածի մասին, որ նա հարաբերությունների մեջ է Ագլայայի հետ,— մտածում էր Լիզավետա Պրոկոֆևնան ամբողջ ճանապարհին, մինչ քարշ էր տալիս իր հետևից իշխանին, և տանը, երբ նրան նստեցրեց կլոր սեղանի առաջ, որի շուրջը հավաքված էր ամբողջ ընտանիքը։— Ինչպե՞ս են համարձակվել մտածել այդ մասին։ Ախր ես ամոթից կմեռնեի, եթե գեթ մի կաթիլ հավատայի կամ Ագլայային ցույց տայի այդ նամակը։ Այդպիսի՜ ծաղրանքներ մե՛ր՝ Եպանչիններիս նկատմամբ։ Եվ բոլորը, բոլորը Իվան Ֆյոդորովիչի պատճառով, ձե՛ր պատճառով, Իվան Ֆյոդորովիչ։ Ախ, ինչո՞ւ չտեղափոխվեցինք Ելագին, չէ՞ որ ես ասում էի Ելագին գնանք։ Դա, գուցե, Վարկան է գրել նամակը, ես գիտեմ կամ, կարող է պատահել․․․ ամեն, ամեն ինչում Իվան Ֆյոդորովիչն է մեղավոր։ Այդ նրա՛ հետ է այդ ''արարածը'' այդ կատակը խաղացել, ի հիշատակ նախկին կապերի, որպեսզի նրան հիմարի վիճակի մեջ գցի, ճիշտ այնպես, ինչպես առաջ նրա վրա, ինչպես հիմարի վրա, հռհռում էր, քթից բռնած ման էր ածում, երբ դեռ Իվան Ֆյոդորովիչը նրան մարգարիտներ էր տանում... Իսկ վերջ ի վերջո, այնուամենայնիվ, մենք ենք խառնված, այնուամենայնիվ աղջիկներս են խառնված։ Իվան Ֆյոդորովիչ, ջահել աղջիկները, օրիորդները, լավագույն հասարակության օրիորդներ, հարսնացուներ, նրանք այդտեղ էին գտնվում, այդտեղ էին կանգնած, ամեն ինչ լսեցին, և անպիտան տղաների պատմության մեջ էլ խառն են, ուրախացեք, նույնպես այդտեղ էին և լսում էին։ Չե՛մ ների, չե՛մ ների ես այդ իշխանակին, երբե՛ք չեմ ների։ Եվ ինչո՞ւ Ագլայան երեք օր հիստերիկայի մեջ է, ինչո՞ւ համարյա գժտվել է քույրերի հետ, նույնիսկ Ալեքսանդրայի հետ, որի ձեռներն էր միշտ համբուրում, ինչպես մոր ձեռները, այնքան հարգում էր նրան։ Ինչո՞ւ երեք օր է նա բոլորին հանելուկներ է ասում։ Ի՞նչ գործ ունի այստեղ Գավրիլա Իվոլգինը։ Ինչո՞ւ նա երեկ ու այսօր սկսում էր գովաբանել Գավրիլա Իվոլգինին և լաց եղավ։ Այդ անոնիմ նամակում ինչո՞ւ է հիշատակված այդ անիծյալ «աղքատ ասպետի» մասին, մինչդեռ Ագլայան իշխանից ստացած նամակը նույնիսկ քույրերին չի ցույց տվել։ Եվ ինչո՞ւ... ի՞նչ նպատակով, ի՞նչ նպատակով ես գլուխս կորցրած հիմա վազ տվի նրա մոտ և հենց ինքս քարշ տվի այստեղ։ Տեր իմ, խելքս թռցրե՜լ եմ, այս ի՜նչ արի հիմա։ Երիտասարդի հետ աղջկա գաղտնիքների մասին խոսել, և այն էլ․․․ և այն էլ այնպիսի գաղտնիքների մասին, որոնք համարյա հենց այդ երիտասարդին են վերաբերվում։ Տե՜ր իմ, դեռ լավ է, որ նա ապուշ է և... և... ընտանիքի բարեկամ։ Միայն մի՞թե Ագլայան հրապուրվել է այս այլանդակիկով։ Տեր իմ, ինչե՜ր եմ դուրս տալիս։ Թո՛ւհ։ Ինքնօրինակ մարդիկ ենք մենք․․․ մեզ բոլորիս պետք է ապակու տակ դրած ցուցադրել, առաջինը ինձ, մուտքի վճարը տասական կոպեկով։ Այս բանը չե՛մ ների ձեզ, Իվան Ֆյոդորովիչ, երբե՛ք չեմ ների։ Եվ ինչո՞ւ հիմա Ագլայան նրան ձեռ չի առնում։ Խոստացավ ձեռ առնել և ահա ձեռ չի առնում։ Ահա, ահա, աչքերը լայն բաց արած նրան է նայում, լռում է, չի հեռանում, կանգնել է, այնինչ ինքն էր պատվիրել նրան, որ չգա... Իշխանը նստած է ամբողջովին գունատ։ Եվ այդ անիծյալ, անիծյալ շաղակրատ Եվգենի Պավլովիչը մենակ ինքն է իր վրա վերցրել ամբողջ խոսակցությունը։ Մի տե՜ս, բլբլացնում է, չի թողնում, որ մի խոսք ասեն։ Ես հիմա ամեն ինչ կիմանայի, հենց որ խոսք բացվեր․․․»
 +
 +
Իսկապես էլ իշխանը, համարյա գունատ, նստած էր կլոր սեղանի մոտ ու, թվում է, և՛ արտակարգ վախի մեջ էր, և, որոշ վայրկյաններ, իրեն իսկ անհասկանալի և հոգին կլանող հիացմունքի։ Օ, ինչպես նա վախենում էր այն կողմը նայել, այն անկյունը, որտեղից ուշադիր նրան էին նայում երկու ծանոթ սև աչքերը, և միևնույն ժամանակ ինչպես նվաղում էր նա երջանկությունից, որ նստած է այստեղ նորից նրանց մեջ, կլսի ծանոթ ձայնը — այն բանից հետո, որ դրել էր նրան Ագլայան։ «Տեր իմ, ի՞նչ կասի նա հիմա»։ Նա ինքը դեռ ոչ մի բառ չէր արտասանել և լարված լսում էր «բլբլացող» Եվգենի Պավլովիչին, որը հազվադեպ էր եղել այսպիսի գոհ և հուզված տրամադրության մեջ, ինչպես հիմա, այս երեկո։ Իշխանը ունկնդրում էր նրան և երկար ժամանակ չէր հասկանում գրեթե ոչ մի բառ։ Բացի Իվան Ֆյոդորովիչից, որը Պետերբուրդից դեռ չէր վերադարձել, բոլորը հավաքված էին։ Իշխան Շչ֊ն նույնպես այդտեղ էր։ Կարծես պատրաստվում էին քիչ հետո, թեյից առաջ գնալ երաժշտություն լսելու։ Այժմյան խոսակցությունը, ըստ երևույթին, սկսվել էր մինչև իշխանի գալը։ Շուտով պատշգամբ սողոսկեց չգիտես որտեղից հայտնված Կոլյան։ «Նշանակում է, նրան առաջվա պես ընդունում են այստեղ»,― մտածեց իշխանը։
 +
 +
Եպանչինների ամառանոցը շքեղ ամառանոց էր, շվեյցարական խրճիթի ճաշակով, ամեն կողմից նրբագեղորեն զարդարված ծաղիկներով ու տերևներով։ Ամեն կողմից այն շրջապատված էր ոչ մեծ, բայց սքանչելի պարտեզով։ Բոլորը նստած էին պատշգամբում, ինչպես և իշխանի ամառանոցում, միայն պատշգամբը մի քիչ ավելի ընդարձակ էր և սարքված էր ավելի պճնագեղ։
 +
 +
Սկսված խոսակցության թեման, թվում է, քչերի սրտովն էր, խոսակցությունն, ինչպես կարելի էր գլխի ընկնել, սկսվել էր մի անհամբեր վիճաբանության պատճառով և, իհարկե, բոլորը կուզենային փոխել սյուժեն, բայց, թվում է, Եվգենի Պավլովիչը համառում էր ավելի ևս և ուշադրություն չէր դարձնում թողած տպավորությանը, իշխանի գալը կարծես ավելի ևս բորբոքեց նրան։ Լիզավետա Պրոկոֆևնան խոժոռվում էր, թեև ամեն ինչ չէր հասկանում, մեկուսի, գրեթե անկյունում նստած Ագլայան չէր հեռանում, լսում էր ու համառորեն լռում։
 +
 +
— Ներեցեք,— բորբոքված առարկում էր Եվգենի Պավլովիչը,— ես ոչինչ չեմ ասում լիբերալիզմի դեմ։ Լիբերալիզմը մեղք չէ. դա անհրաժեշտ բաղկացուցիչ մասն է ամբողջի, որն առանց դրա կքայքայվի կամ կմահանա. լիբերալիզմը գոյության նույնպիսի իրավունք ունի, ինչպես և ամենաբարեբարո կոնսերվատիզմը, բայց ես հարձակվում եմ ռուսական լիբերալիզմի վրա, և դարձյալ կրկնում եմ, որ իսկապես ասած, հենց այն պատճառով եմ հարձակվում նրա վրա, որ ''ռուս'' լիբերալը ''ռուս'' լիբերալ չէ, այլ ոչ ''ռուս'' լիբերալ է։ Տվեք ինձ մի ռուս լիբերալի և ես նրան հենց հիմա ձեր ներկայությամբ կհամբուրեմ։
 +
 +
— Եթե միայն նա ուզենա ձեզ համբուրել,— ասաց Ալեքսանդրա Իվանովնան, որն արտասովոր գրգռված վիճակում էր։ Նույնիսկ նրա այտերը սովորականից ավելի էին կարմրել։
 +
 +
«Մի տե՜ս,— ինքն իրեն մտածեց Լիզավետա Պրոկոֆևնան,— մեկ քնում և ուտում է, տեղից շարժել չի լինի, մեկ էլ հանկարծ տարին մեկ անգամ տեղից վեր կկենա ու կսկսի խոսել այնպես, որ միայն զարմանք կմնաս»։
 +
 +
Իշխանը հարևանցիորեն նկատեց, որ կարծես Ալեքսանդրա Իվանովնային բոլորովին դուր չի գալիս, որ Եվգենի Պավլովիչը խոսում է շատ ուրախ, խոսում է լուրջ թեմայի մասին և կարծես թե տաքանում է, բայց միևնույն ժամանակ կարծես թե նաև կատակում է։
 +
 +
— Ես հիմա պնդում էի, հենց ձեր գալուց առաջ, իշխան,— շարունակում էր Եվգենի Պավլովիչը,— որ մեզանում մինչև հիմա լիբերալները եղել են միայն երկու դասից, առաջվա կալվածատիրական (վերացրած) և սեմինարիական։ Բայց քանի որ երկու դասն էլ վերջ ի վերջո դարձել են իսկական կաստա, ազգից բոլորովին կտրված ինչ-որ բան, և սերնդից սերունդ գնալով ավելի ու ավելի կտրված, ապա, նշանակում է, այն ամենը, ինչ որ նրանք արել են և անում են, եղեք է բոլորովին ոչ ազգային...
 +
 +
— Ինչպե՞ս։ Ուրեմն այն ամենը, ինչ արված է, բոլորը ռուսական չէ՞,— առարկեց իշխան Շչ֊ն։
 +
 +
— Ազգային չէ, թեկուզև ռուսավարի է, բայց ազգային չէ, լիբերալներն էլ մեզանում ռուսական չեն, կոնսերվատորներն էլ, բոլորը․․․ Եվ համոզված եղեք, որ ազգը ոչինչ չի ընղունի այն ամենից, ինչ արել են կալվածատերերն ու սեմինարիստները, ոչ հիմա, ոչ հետո․․․
 +
 +
— Այ ղա Լա՜վ է։ Դուք ինչպե՞ս կարող եք պնդել մի այդպիսի պարադոքս, եթե միայն դա լուրջ եք ասում։ Ես չեմ կարող այդպիսի ոտնձգություն թույլ տալ ռուս կալվածատիրոջ նկատմամբ, դուք ինքներդ ռուս կալվածատեր եք,— տաք-տաք առարկեց իշխան Շչ-ն։
 +
 +
— Բայց ախր ես այն մտքով չեմ ասում ռուս կալվածատիրոջ մասին, ինչպես դուք եք ընդունում։ Պատվական ղաս է, հենց թեկուզ միայն այն պատճառով, որ ես նրան եմ պատկանում. մանավանդ հիմա, երբ նա արդեն դադարել է գոյություն ունենալուց...
 +
 +
— Մի՞թե գրականության մեջ էլ ոչ մի ազգային բան չի եղել,― ընդհատեց Ալեքսանդրա Իվանովնան։
 +
 +
— Ես գրականության մեջ վարպետ չեմ, բայց իմ կարծիքով ռուս գրականությանն էլ ամբողջովին ռուսական չէ, թերևս բացի Լոմոնոսովից, Պուշկինից ու Գոգոլից։
 +
 +
— Նախ և առաջ, դա քիչ չի, իսկ երկրորդ, մեկը ժողովրդի միջից է, իսկ մյուս երկուսը կալվածատերեր են,― ծիծաղեց Ադելաիդան։
 +
 +
— Ճիշտ այդպես, բայց մի ցնծացեք։ Որովհետև բոլոր ռուս գրողներից մինչև հիմա միայն այդ երեքից յուրաքանչյուրին է հաջողվել ասել իրոք որևէ ''իրենը'', իր սեփականֆ ոչ ոքից չընդօրինակած խոսքը, ապա հենց դրանով էլ այդ երեքը անմիջապես դարձել են ազգային։ Ով որ ռուս մարդկանցից կասի, կգրի կամ կանի իրենը, ''իր'' անկապտելի և չընդօրինակված մի որևէ բանը, նա անխուսափելիորեն դաոնում է ազգային, թեկուզև նա ռուսերեն վատ խոսելիս լինի։ Դա ինձ համար աքսիոմա է։ Բայց մեր խոսակցությունն սկսվել էր ոչ գրականությունից, մենք խոսել սկսեցինք սոցիալիստների մասին, և նրանց պատճառով խոսակցություն ծագեց, դե, ուրեմն ես պնդում եմ, որ մենք չունենաք ոչ մի ռուս սոցիալիստ. չունենք և չենք ունեցել, որովհետև մեր բոլոր սոցիալիստները նույնպես կալվածատերերից ու սեմինարիստներից են։ Մեր բոլոր ճանաչված, ազդարարված սոցիալիստները, ինչպես այստեղի, այնպես էլ արտասահմանյան, ավելին չեն, քան ճորտատիրական իրավունքի ժամանակների կալվածատիրական միջավայրից դուրս ելած լիբերալներ։ Ի՞նչ եք ծիծաղում։ Տվեք ինձ նրանց գրքերը, տվեք ինձ նրանց ուսմունքները, նրանց մեմուարները, և ես, չլինելով գրաքննադատ, հանձն եմ առնում ձեզ համար գրել ամենահամոզիչ գրական քննադատություն, որում ցերեկվա պես պարզ ապացուցեմ, որ նրանց գրքերի, բրոշյուրների, մեմուարների ամեն մի էջը գրել է ամենից առաջ նախկին ռուս կալվածատերը. նրանց զայրույթը, վրդովմունքը, սրամտությունը կալվածատիրական են (նույնիսկ մինչֆամուսովյան)․ նրանց բերկրանքը, նրանց արցունքները իսկական են, թերևս, անկեղծ արցունքներ են, բայց՝ կալվածատիրական։ Կալվածատիրական կամ սեմինարիստական... Դուք դարձյալ ծիծաղում եք, դո՞ւք էլ եք ծիծաղում, իշխան․ նույնպե՞ս համաձայն չեք։
 +
 +
Իրոք, բոլորը ծիծաղում էին, քմծիծաղ տվեց նաև իշխանը։
 +
 +
— Ես դեռ այդպես ուղղակի չեմ նկարող ասել համաձայն եմ, թե համաձայն չեմ,— արտասանեց իշխանը, հանկարծ դադարելով քմծիծաղ տալուց և ցնցվելով բռնված աշակերտի պես,— բայց հավատացնում եմ ձեզ, որ ձեզ ունկնդրում եմ մեծ բավականությամբ․․․
 +
 +
Այդ ասելիս, նա համարյա շնչահեղձ էր լինում և նույնիսկ սառը քրտինքը պատեց նրա ճակատը։ Դրանք առաջին բառերն էին, որ նա արտասանեց այն ժամանակից ի վեր, ինչ այստեղ նստած էր։ Նա փորձեց շուրջը նայել, բայց չհամարձակվեց․ Եվգենի Պավլովիչը որսաց նրա շարժումը և ժպտաց։
 +
 +
— Ես ձեզ, պարոնայք, մի փաստ կասեմ,— շարունակում էր նա առաջվա եղանակով, այսինքն՝ կարծես թե արտասովոր հափշտակությամբ ու եռանդով, բայց միևնույն ժամանակ համարյա ծիծաղելով գուցե հենց իր իսկ խոսքերի վրա,— մի փաստ, որի դիտումը, նույնիսկ հայտնագործումը ես պատիվ ունեմ վերագրելու ինձ, և նույնիսկ միմիայն ինձ. համենայն դեպս այդ մասին դեռևս ոչ մի տեղ ասված կամ գրված չի եղել։ Այդ փաստի մեջ արտահայտվում է այն կարգի ռուս լիբերալիզմի ամբողջ էությունը, որի մասին ես խոսում եմ։ Նախ և առաջ, ի՞նչ բան է լիբերալիզմը, եթե ընդհանրապես ասելու լինենք, եթե ոչ հարձակում (խելացի, թե սխալ՝ դա ուրիշ հարց է) գոյություն ունեցող իրերի կարգի վրա։ Այնպես չէ՞։ Դե, ուրեմն, իմ փաստը կայանում է նրանում, որ ռուս Լիբերալիզմը հարձակում չէ գոյություն ունեցող իրերի կարգի վրա, այլ հարձակում է մեր իրերի բուն էության վրա, բուն իրերի վրա, այլ ոչ թե միայն կարգերի վրա, ոչ թե ռուսական կարգերի վրա, այլ բուն Ռուսաստանի վրա։ Իմ լիբերալն այն տեղն է հասել, որ բացասում է բուն Ռուսաստանը, այսինքն՝ ատում և ծեծում է իր մորը։ Ռուսական ամեն մի դժբախտ և անհաջող փաստ նրա մեջ ծիծաղ և համարյա հիացմունք է հարուցում։ Նա ատում է ժողովրդական սովորույթները, ռուսաց պատմությունը, ամեն ինչ։ Եթե նրա համար արդարացում կա, ապա, թերևս, այն բանում, որ նա չի հասկանում, թե ինչ է անում և Ռուսաստանի նկատմամբ ունեցած իր ատելությունը ընդունում է որպես ամենաբեղմնավոր լիբերալիզմ (o՜, դուք հաճախ կհանդիպեք մեզանում լիբերալի, որին ծափահարում են մյուսները և որը, կարող է պատահել, ըստ էության, ամենաանհեթեթ, ամենաբութ ու վտանգավոր կոնսերվատորն է, և ինքը չգիտի այդ)։ Դեպի Ռուսաստանն ունեցած այդ ատելությունը, դեռևս ոչ այնքան վաղուց, մեր որոշ լիբերալներ քիչ էր մնում համարեին իսկական սեր դեպի հայրենիքը և պարծենում էին նրանով, որ ուրիշներից լավ են տեսնում, թե ինչումն է կայանալու այդ սերը. բայց հիմա արդեն ավելի անկեղծ են դարձել և նույնիսկ սկսել են ամաչել «հայրենիքի սեր» բառից, նույնիսկ այդ հասկացությունն են վանել ու վերացրել, որպես վնասակար ու չնչին։ Սա ճիշտ փաստ է, ես դա պնդում եմ և... չէ՞ որ երբևէ պետք էր արտահայտել լիովին, պարզ ու անկեղծ ասել ճշմարտությունը․ բայց միևնույն ժամանակ այս փաստն այնպիսին է, որպիսին ոչ մի տեղ և երբեք դարերից ի վեր և ոչ մի ժողովրդի մեջ չի եղել ու չի պատահել, ուրեմն և նշանակում է, որ դա պատահական փաստ է և կարող է անցնել, ես համաձայն եմ։ Ոչ մի տեղ չի կարող լինել այնպիսի լիբերալ, որն ատեր բուն հայրենիքը։ Իսկ ինչո՞վ բացատրել այդ ամենը մեզանում։ Հենց նույն բանով, ինչ և առաջ, նրանով, որ ռուս լիբերալը առայժմ ռուս լիբերալ չէ. կարծում եմ՝ ուրիշ ոչնչով։
 +
 +
— Այն ամենը, ինչ ասացիր, ես իբրև կատակ եմ ընդունում, Եվգենի Պավլովիչ,— լրջորեն առարկեց իշխան Շչ֊ն։
 +
 +
— Ես բոլոր լիբերալներին չեմ տեսել և հանձն չեմ առնում դատել,― ասաց Ալեքսանդրա Իվանովնան,— բայց ձեր միտքը վրդովմունքով լսեցի, դուք վերցրել եք մասնավոր դեպքը և ընդհանուր կանոնի վերածել, նշանակում է, զրպարտում էիք։
 +
 +
— Մասնավոր դե՞պք։ Ա-ա՜։ Խոսքն ասված է,— վրա բերեց Եվգենի Պավլովիչը։— Ի՞նչ եք կարծում, իշխան, սա մասնավո՞ր դեպք է, թե ոչ։
 +
 +
— Ես էլ պետք է ասեմ, որ ես քիչ եմ տեսել և քիչ եմ եղել... լիբերալների հետ,— ասաց իշխանը,— բայց ինձ թվում է, որ դուք, գուցե, որոշ չափով իրավացի եք, և որ այն ռուսական լիբերալիզմը, որի մասին դուք խոսում էիք, իրոք մասամբ հակված է ատելու բուն Ռուսաստանը, և ոչ թե միայն նրա իրերի կարգը։ Իհարկե, դա միայն մասամբ իհարկե, դա ոչ մի կերպ չի կարող բոլորի համար արդարացի լինել...
 +
 +
Նա կարկամեց ու խոսքը չավարտեց։ Չնայած իր ողշ հուզմունքին, նա չափազանց հետաքրքրված էր խոսակցությամբ։ Իշխանը մի առանձնահատուկ գիծ ուներ, որը ուշադրության արտասովոր միամտությունն էր, որով նա միշտ ունկնդրում էր իրեն հետաքրքրած որևէ բան, և միամտությունը պատասխանների, որ նա տալիս էր, երբ ընդսմին նրան դիմում էին հարցերով։ Նրա դեմքին և նույնիսկ իրանի դիրքի մեջ մի տեսակ արտացոլում էր այդ միամտությունը, ոչ ծաղրի, ոչ հումորի կասկած տանող այդ հավատը։ Ու թեպետ Եվգենի Պավլովիչը արդեն վաղուց նրան դիմում էր ոչ այլ կերպ, քան որոշ առանձնահատուկ քմծիծաղով, բայց հիմա, նրա պատասխանի ժամանակ, մի տեսակ շատ լուրջ նայեց նրան, կարծես նրանից բոլորովին չէր սպասում այդպիսի պատասխան։
 +
 +
— Բայց... ահա թե դուք ինչ տարօրինակ...― ասաց նա,— և իսկապե՞ս դուք ինձ լուրջ էիք պատասխանում, իշխան։
 +
 +
— Իսկ մի՞թե դուք լուրջ չէիք հարցնում,— առարկեց իշխանը զարմացած։
 +
 +
Բոլորը ծիծաղեցին։
 +
 +
— Նրան հավա՜տ ընծայեք,― ասաց Ադելաիդան,— Եվգենի Պավլովիչը միշտ և ամենքին հիմարացնում է։ Եթե իմանայիք երբեմն ինչե՜ր է պատմում ամենայն լրջությամբ։
 +
 +
― Իմ կարծիքով սա ծանր խոսակցություն է, և լավ կլիներ, բոլորովին չսկսեինք,— խստորեն նկատեց Ալեքսանդրան,— ուզում էինք զբոսանքի գնալ...
 +
 +
— Եվ գնանք, հիանալի երեկո է,— բացականչեց Եվգենի Պավլովիչը,— բայց որպեսզի ձեզ ապացուցեմ, որ այս անգամ խոսում էի միանգամայն լուրջ, և, գլխավորը, որպեսզի դա ապացուցեմ իշխանին, (դուք, իշխան, ինձ չափազանց հետաքրքրեցիք, և երդվում եմ ձեզ, որ ես դեռ բոլորովին այնքան դատարկ մարդ չեմ, ինչպիսին անպայման պետք է որ թվամ, թեև իրոք ես դատարկ մարդ եմ), և... եթե թույլ տաք, պարոնայք, ևս մի վերջին հարց կտամ իշխանին, սեփական հետաքրքրությունից մղված, դրանով էլ կվերջացնենք։ Այդ հարցը, կարծես դիտմամբ երկու ժամ առաջ մտքովս անցավ (տեսնո՞ւմ եք, իշխան, երբեմն ես էլ եմ լուրջ հարցերի մասին խորհում). ես այդ հարցը վճռել եմ, բայց տեսնենք, ինչ կասի իշխանը։ Հիմա ասացին «մասնավոր դեպքի» մասին։ Այդ բանը մեզանում շատ նշանակալից է, դա հաճախ է լսվում։ Նորերս բոլորը խոսում և գրում էին վեց հոգու այդ սարսափելի սպանության մասին այդ․․․ երիտասարդի կողմից, և դատապաշտպանի տարօրինակ ճառի մասին, որտեղ ասվում է, որ հանքագործի աղքատ վիճակում բնականորեն նրա մտքով պետք է անցներ սպանել այդ վեց հոգուն։ Դա ոչ տառացիորեն, Բայց իմաստը, կարծեմ դա է կամ մոտենում է դրան։ Իմ անձնական կարծիքով, դատապաշտպանն այդպիսի տարօրինակ միտք հայտնելիս լիովին համոզված էր, որ ասում է ամենալիբեբալ, ամենամարդասիրական և առաջադիմական մի բան, ինչպիսին միայն կարելի է ասել մեր ժամանակներում։ Դե, ուրեմն ինչպե՞ս է ձեր կարծիքով. հասկացությունների և համոզմունքների այդ խեղաթյուրումը, գործի նկատմամբ այդպիսի ծուռ ու երևելի հայացքի հնարավորությունը արդյոք մասնավո՞ր, թե ընդհանուր դեպք է։
 +
 +
Բոլորը հռհռացին։
 +
 +
— Մասնավոր, հասկանալի է, մասնավոր,— ծիծաղեցին Ալեքսանդրան և Ադելաիդան։
 +
 +
— Եվ թույլ տուր նորից հիշեցնելու, Եվգենի Պավլովիչ,— ավելացրեց իշխան Շչ-ն,— որ քո կատակն արդեն չափազանց մաշված է։
 +
 +
— Ի՞նչ եք կարծում, իշխան,― մինչև վերջ չլսեց Եվգենի Պավլովիչը, որսալով իշխան Լև Նիկոլաևիչի՝ իր վրա հառած հետաքրքիր ու լուրջ հայացքը։— Ձեզ ինչպե՞ս է թվում, սա մասնավո՞ր, թե ընդհանուր դեպք է։ Խոստովանում եմ, հենց ձեզ համար էի հորինել այս հարցը։
 +
 +
— Ոչ, մասնավոր չի,— ցածրաձայն, բայց հաստատուն ասաց իշխանը։
 +
 +
— Ներեցեք, Լև Նիկոլաևիչ,— մի քիչ սրտնեղած գոչեց իշխան Շչ֊ն,— մի՞թե չեք տեսնում, որ նա ձեզ ծուղակն է գցում. նա ուղղակի ծիծաղում է և միտքը դրել է հենց ձեզ ծաղքի առարկա դարձնել։
 +
 +
— Ես կարծում էի, Եվգենի Պավլովիչը լուրջ էր խոսում,— կարմրեց իշխանը և աչքերը խոնարհեց։
 +
 +
— Սիրելի իշխան,— շարունակում էր իշխան Շչ֊ն,— մտաբերեք, ինչի մասին էինք խոսում մի անգամ ես և դուք, մոտ երեք ամիս առաջ. մենք խոսում էինք հենց այն մասին, որ մեր նորաբաց երիտասարդ դատարաններում արդեն կարելի է ցույց տալ այնքա՜ն հիանալի և տաղանդավոր պաշտպանների։ Իսկ ատենակալների որրա՜ն վերին աստիճանի հիանալի վճիռներ կան։ Ինչպե՜ս էիք ուրախանում դուք ինքներդ և ինչպես էի այն ժամանակ ես ուրախանում ձեր ուրախության վրա... մենք ասում էինք, որ կարող ենք հպարտանալ․․․ իսկ այդ անճարպիկ պաշտպանությունը, այդ տարօրինակ փաստարկը, իհարկե, պատահականություն է, միավոր է հազարների մեջ։
 +
 +
Իշխան Լև Նիկոլաևիչը մտածեց, բայց ամենահամոզված տեսքով, թեև կամացուկ և նույնիսկ կարծես վեհերոտ արտասանելով, պատասխանեց.
 +
 +
— Ես միայն ուզում էի ասել, որ գաղափարների և հասկացությունների խեղաթյուրումը (ինչպես արտահայտվեց Եվգենի Պավլովիչը) շատ հաճախ է պատահում, շատ ավելի ընդհանուր, քան մասնավոր դեպք է, դժբախտաբար։ Եվ այն աստիճան, որ եթե այդ խեղաթյուրումը այդպիսի ընդհանուր դեպք չլիներ, ապա, կարող է պատահել, չէին լինի այդպիսի անհնարին ոճրագործություններ, ինչպիսին դրանք են...
 +
 +
— Անհնարին ոճրագործություննե՞ր։ Բայց հավատացնում եմ ձեզ, որ ճիշտ նույնպիսի ոճրագործություններ և, գուցե, ավելի սարսափելի, առաջ էլ էին լինում, և միշտ եղել են, և ոչ միայն մեզանում, այլ ամենուրեք, և, իմ կարծիքով, դեռևս շատ երկար կկրկնվեն։ Տարբերությունն այն է, որ առաջ հրապարակայնությունը մեզանում ավելի քիչ էր, իսկ հիմա սկսել են բարձրաձայն խոսել և նույնիսկ գրել դրանց մասին, դրա համար էլ թվում է, թե այդ ոճրագործները միայն հիմա են հայտնվել։ Ահա թե որն է ձեր սխալը, չափազանց միամիտ սխալը, իշխան, հավատացնում եմ ձեզ,― հեգնորեն ժպտաց իշխան Շչ-ն։
 +
 +
— Ես ինքս գիտեմ, որ առաջ էլ շատ են եղել ոճրագործություններ և նույնքան սարսափելի. ես դեռ նորերս եղել եմ բանտերում և ինձ հաջողվել է ծանոթանալ մի քանի ոճրագործների և մեղադրյալների հետ։ Կան նույնիսկ ավելի սարսափելի ոճրագործներ, քան դա, որոնք առանց որևէ զղջման սպանել են տասական մարդ։ Բայց ահա թե ես ինչ եմ նկատել ընդսմին, որ ամենաանուղղելի և անզիջում մարդասպանը, համենայն դեպս, գիտի, որ ինքը ''ոճրագործ է'', այսինքն՝ խղճի մտոք համարում է, որ լավ բան չի արել, թեև առանց որևէ զղջման։ Եվ այդպես է նրանցից ամեն մեկը. բայց ախր սրանք, որոնց մասին սկսեց խոսել Եվգենի Պավլովիչը, նույնիսկ չեն ուզում իրենց ոճրագործ համարել և իրենց մեջ մտածում են, որ իրավունք ունեն և... նույնիսկ լավ են արել, այսինքն՝ համարյա թե այդպես։ Իմ կարծիքով, ահա հենց սա է սարսափելի տարբերությունը։ Եվ նկատի առեք, այդ բոլորը երիտասարդությունն է, այսինքն՝ հենց այնպիսի հասակը, որում ամենից ավելի հեշտ ու անպաշտպան կերպով կաբելի է ընկնել գաղափարների խեղաթյուրման մեջ։
 +
 +
Իշխան Շչ֊ն այլևս չէր ծիծաղում և տարակուսանքով լսեց իշխանին։ Ալեքսանդրա Իվանովնան, որը վաղուց արդեն ուզում էր ինչ֊որ դիտողություն անել, լռեց, կարծես ինչ֊որ առանձնահատուկ միտք նրան ետ պահեց։ Իսկ Եվգենի Պավլովիչը իշխանին նայում էր բացահայտ զարմանքով և այս անգամ արդեն առանց որևէ քմծիծաղի։
 +
 +
— Այդ ինչո՞ւ եք այդպես զարմանում նրա վրա, տեր իմ, — անսպասելիորեն միջամտեց Լիզավետա Պրոկոֆևնան նա ձեզանից հիմա՞ր է, թե ինչ, որ ձեր կարծիքով չէր կարող դատողություն անել։
 +
 +
— Ոչ, դրա վրա չեմ զարմանում,― ասաց Եվգենի Պավլովիչը,— միայն թե ինչպե՞ս դուք, իշխան (ներեցեք հարցիս համար), եթե դա այդպես տեսնում ու նկատում եք, ապա ինչպե՞ս դուք (ներեցեք ինձ կրկին) այդ տարօրինակ գործում... այ, որ օրերս եղավ... Բուրդովսկու, կարծեմ... դուք ինչպե՞ս չնկատեցիք գաղափարների և բարոյական համոզմունքների նույնպիսի խեղաթյուրում։ Ախր ճիշտ և ճիշտ նույնպիսի։ Ինձ այն ժամանակ թվաց, թե դուք բոլորովին չնկատեցիք։
 +
 +
— Ահա թե ինչ, սիրելիս,— տաքացավ Լիզավետա Պրոկոֆևնան,— ահա մենք բոլորս նկատեցինք, այստեղ նստել ու պարծենում ենք նրա առաջ, իսկ ահա նա այսօր նամակ է ստացել նրանցից մեկից, ամենագլխավորից, պզուկավորից, հիշո՞ւմ ես, Ալեքսանդրա։ Նա նամակում ներողություն է խնդրում իշխանից, թեպետև իր ձևով, և հայտնում է, որ այն ընկերոջը թողել է, որն այն ժամանակ հրահրում էր սրան, հիշո՞ւմ ես, Ալեքսանդրա, և որ հիմա իշխանին ավելի է հավատում։ Դե, իսկ մենք դեռ այդպիսի նամակ չենք ստացել, թեև սովոր ենք քթներս ցցել նրա մոտ։
 +
 +
— Իսկ Իպոլիտը հիմա նույնպես փոխադրվել է մեր ամառանոցը,— բղավեց Կոլյան։
 +
 +
— Ինչպե՜ս, արդեն այստե՞ղ է,— անհանգստացավ իշխանը։
 +
 +
— Նոր էիք գնացել Լիզավետա Պրոկոֆևնայի հետ, որ շնորհ բերեց, ես փոխադրեցի նրան։
 +
 +
— Դե, գրազ կգամ,— ուղղակի եռ եկավ հանկարծ Լիզավետա Պրոկոֆևնան, բոլորովին մոռանալով, որ հենց նոր գովում էր իշխանին,— գրազ կգամ, որ նա երեկ գնացել է նրա ձեղնահարկը և ծնկաչոք ներողություն է խնդրել նրանից, որ այդ չար չարասիրտը արժանացնի այստեղ փոխադրվելու։ Այդպե՞ս է, թե ոչ։ Ծունկի եկե՞լ ես, թե ոչ։
 +
 +
— Բոլորովին չի եկել,— բղավեց Կոլյան,— այլ բոլորովին ընդհակառակը, Իպոլիտը երեկ բռնեց իշխանի ձեռքը և երկու անգամ համբուրեց, ես ինքս տեսա, դրանով էլ վերջացավ ամբողջ բացատրությունը, բացի նրանից, որ իշխանը ուղղակի ասաց, որ Իպոլիտի համար ամառանոցում ավելի հեշտ կլինի և նա իսկույն համաձայնեց տեղափոխվել հենց որ դրությունը լավանա։
 +
 +
— Դուք զուր եք, Կոլյա...— փնթփնթաց իշխանը, վեր կենալով ու գլխարկը վերցնելով,— ինչո՞ւ եք պատմում, ես․․․
 +
 +
— Այդ ո՞ւր,— ետ պահեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 +
 +
― Մի անհանգստացեք, իշխան,— շարունակեց բորբոքված Կոլյան,— մի գնացեք և մի անհանգստացրեք նրան, նա ճանապարհից հոգնած քնել է. նա շատ ուրախ է, և գիտե՞ք, իշխան, իմ կարծիքով շատ ավելի լավ է, եթե այսօր չհանդիպեք, նույնիսկ հետաձգեցեք մինչև վաղը, թե չէ նա նորից անհարմար կզգա իրեն։ Նա քիչ առաջ ասում էր, որ արդեն ամբողջ կես տարի է, իրեն այդպես լավ և ուժի եկած չի զգացել. նույնիսկ հազում է եռակի պակաս։
 +
 +
Իշխանը նկատեց, որ Ագլայան հանկարծ դուրս եկավ իր տեղից և մոտեցավ սեղանին։ Իշխանը չէր համ արձակվում նայել նրան, բայց ամբողջ էությամբ զգում էր, որ այդ ակնթարթին Ագլայան նայում է նրան և, գուցե, նայրւմ է սպառնագին, որ նրա սև աչքերում անպայման զայրույթ կա, և դեմքը բռնկվել է։
 +
 +
— Իսկ ինձ թվում է, Նիկոլայ Արդալիոնովիչ, որ նրան իզուր եք փոխադրել այստեղ, եթե նա հենց այն թոքախտավոր տղան է, որն այն ժամանակ լաց եղավ և կանչում էր իր թաղմանը,― նկատեց Եվգենի Պավլովիչը,― նա այն ժամանակ այնպես արտահայտիչ էր խոսում հարևան տան պատի մասին, որ անպայման կկարոտի այդ պատին, համոզված եղեք։
 +
 +
— Ճիշտ ասաց. կկռվի, կխռովի հետդ ու կմեկնի, ահա քեզ ամբողջ պատմությունը։
 +
 +
Եվ Լիզավետա Պրոկոֆևնան արժանապատվությամբ մոտ քաշեց իր ձեռագործի զամբյուղը, մոռանալով, որ բոլորն արդեն վեր էին կենում զբոսանքի գնալու։
 +
 +
— Ես հիշում եմ, որ նա այդ պատով շատ էր պարծենում,— վրա բերեց նորից Եվգենի Պավլովիչը,— առանց այդ պատի նա չի կարող պերճախոսորեն մեռնել, իսկ նա շատ է ուզում պերճախոսորեն մեռնել։
 +
 +
— Հետո՞ ինչ,— փնթփնթաց իշխանը։— Եթե դուք չեք ուզենա նրան ներել, նա առանց ձեզ էլ կմեռնի... հիմա նա ծառերի համար է տեղափոխվել։
 +
 +
— Օ, իմ կողմից ես նրան ամեն ինչ ներում եմ, կարող եք սա հայտնել նրան։
 +
 +
— Դա այդպես չպետք է հասկանալ,— կամացուկ և կարծես ակամա պատասխանեց իշխանը, շարունակելով նայել հատակի վրա մի կետի և աչքերն առանց բարձրացնելու պետք է այնպես, որ դուք էլ համաձայնեք ընդունել նրա ներումը։
 +
 +
— Իսկ ե՞ս այստեղ ինչ գործ ունեմ։ Ես ինչո՞վ եմ մեղավոր նրա առաջ։
 +
 +
— Եթե չեք հասկանում, ապա․․․ բայց չէ՞ որ դուք հասկանում եք, նա այն ժամանակ ուզում էր ձեզ բոլորին օրհնել և ձեզնից օրհնություն ստանալ, ահա և բոլորը․․․
 +
 +
— Սիրելի իշխան,— մի տեսակ վախվխելով վրա բերեց իշխան Շչ֊ն, հայացք փոխանակելով ներկաներից մի քանիսի հետ,— երկրային դրախտը հեշտությամբ չի հաջողվում, իսկ դուք համենայն դեպս մի քիչ հույս եք դնում դրախտի վրա, դրախտը դժվար բան է, իշխան, շատ ավելի դժվար, քան թվում է ձեր սքանչելի սրտին։ Վերջ տանք, ավելի լավ է, թե չէ մենք բոլորս նորից անհարմար դրության մեջ կընկնենք և այն ժամանակ․․․
 +
 +
— Գնանք երաժշտություն լսելու,— կտրուկ ասաց Լիզավետա Պրոկոֆևնան, բարկացած վեր կենալով տեղից։
 +
 +
Նրա հետևից վեր կացան բոլորը։
 +
 +
=== II ===
 +
 +
Իշխանը հանկարծ մոտեցավ Եվգենի Պավլովիչին։
 +
 +
— Եվգենի Պավլովիչ,— ասաց նա տարօրինակ տաքարյունությամբ բռնելով նրա ձեռքը,— համոզված եղեք, որ ես ձեզ համարում եմ ամենաազնիվ ու լավ մարդը, չնայած ոչ մի բանի, համոզված եղեք դրանում․․․
 +
 +
Եվգենի Պավլովիչը զարմանքից նույնիսկ մի քայլ ետ գնաց։ Մի վայրկյան նա զսպում էր ծիծաղի անտանելի նոպան․ բայց ավելի ուշադիր նայելով, նա նկատեց, որ իշխանը կարծես թե իրեն կորցրել էր, համենայն դեպս ինչ-որ առանձնահատուկ վիճակում էր։
 +
 +
— Գրազ կգամ,— բացականչեց նա,— որ դուք, իշխան, բոլորովին ուրիշ բան էիք ուզում ասել և, կարող է պատահել, բոլորովին էլ ոչ ինձ․․․ բայց ձեզ ի՞նչ է պատահել։ Վատ չե՞ք զգում արդյոք։
 +
 +
— Կարող է պատահել, շատ կարող է պատահել, և դուք շատ նրբորեն նկատեցիք, որ, գուցե, ձեզ չէի ուզում մոտենալ ես։
 +
 +
Այդ ասելով, նա մի տեսակ տարօրինակ և նույնիսկ ծիծաղելի ժպտաց, բայց հանկարծ, ասես բորբոքվելով, բացականչեց.
 +
 +
— Ինձ մի հիշեցրեք իմ երեք օր առաջվա արարքը։ Ես շատ էի ամաչում այս երեք օրը... ես գիտեմ, որ մեղավոր եմ...
 +
 +
— Բայց... բայց ի՞նչ մի սարսափելի բան եք արել դուք։
 +
 +
— Ես տեսնում եմ, որ դուք, գուցե, բոլորից ավելի եք ամաչում իմ փոխարեն, Եվգենի Պավլովիչ. դուք շիկնում եք, դա սքանչելի սրտի հատկությունն է։ Ես հիմա կգնամ, համոզված եղեք։
 +
 +
— Այդ ի՞նչ է ասում։ Նրա նոպաներն այդպե՞ս են սկսվում, թե ինչ,— վախեցած դիմեց Լիզավետա Պրոկոֆևնան Կոլյային։
 +
 +
— Ուշադրություն մի դարձրեք, Լիզավետա Պրոկոֆևնա, սա նոպա չի. ես հիմա կգնամ։ Ես գիտեմ, որ բնությունն ինձ նեղացրել է։ Ես քսանչորս տարի հիվանդ եմ եղել, ծնված օրից մինչև քսանչորս տարեկան հասակս։ Հիմա էլ իբրև հիվանդ ընդունեցեք։ Ես հիմա կգնամ, հիմա, համոզված եղեք։ Ես չեմ կարմրում, որովհետև չէ՞ որ տարօրինակ կլիներ դրա համար կարմրելը, ճիշտ չէ՞, բայց հասարակության մեջ ես ավելորդ եմ․․․ Սա ինքնասիրությունից չեմ ասում։ Ես այս երեք օրը մտածում էի և որոշեցի, որ ազնվորեն ու անկեղծորեն պետք է տեղեկացնեմ ձեզ առաջին իսկ դեպքում։ Կան այնպիսի գաղափարներ, կան վսեմ գաղափարներ, որոնց մասին ես չպետք է սկսեմ խոսել, որովհետև անպայման բոլորի ծիծաղը կշարժեմ. իշխան Շչ֊ն այդ մասին ինձ հիշեցրեց հիմա... Ես չունեմ վայելուչ ժեստ, չափի զգացում չունեմ, իմ խոսքերն ուրիշ են, և ոչ թե մտքին համապատասխան, իսկ դա ստորացում է այդ մտքերի համար։ Դրա համար էլ ես իրավունք չունեմ... ըստ որում ես կասկածամիտ եմ, ես․․․ ես համոզված եմ, որ այս տանը չեն կարող ինձ նեղացնել և ավելի են սիրում, քան արժանի եմ, բայց ես գիտեմ (ախր ես հաստատ գիտեմ), որ հիվանդության քսան տարուց հետո անպայման ինչ֊որ բան պետք է մնացած լիներ, այնպես որ չի կարելի ինձ վրա չծիծաղել... երբեմն... այնպես չէ՞։
 +
 +
Նա շուրջը նայելով, կարծես թե սպասում էր պատասխանի ու վճռի։ Բոլորը ծանր տարակուսանքի մեջ էին այդ անսպասելի, հիվանդագին և, թվում է, համենայն դեպս պատճառազուրկ արարմունքից։ Բայց այդ արարմունքը մի տարօրինակ միջադեպի առիթ տվեց։
 +
 +
— Ինչո՞ւ եք դուք դա ասում այստեղ,— հանկարծ ճչաց Ագլայան,— ինչո՞ւ եք դա ''սրա՛նց'' ասում։ Սրա՛նց։ Սրա՛նց։
 +
 +
Թվում էր, նա վրդովմունքի ծայր աստիճանին էր հասել, նրա աչքերը կայծեր էին արձակում։ Իշխանը կանգնել էր նրա առաջ լուռ ու անձայն և հանկարծ գունատվեց։
 +
 +
— Այստեղ ոչ մեկը չկա, որ արժանի լինի այդպիսի խոսքերի,— պոռթկաց Ագլայան,— այստեղ բոլորը, բոլորը չարժեն ձեր ճկույթին, ոչ ձեր խելքին, ոչ սրտին։ Դուք բոլորից ազնիվ եք, բոլորից ազնվաբարո, բոլորից լավ, բոլորից բարի, բոլորից խելացի։ Այստեղ կան մարդիկ, որ անարժան են կռանալու և բարձրացնելու ձեր թաշկինակը, որ հիմա վայր գցեցիք... էլ ինչո՞ւ եք ձեզ ստորացնում և բոլորից ցած դասում։ Ինչո՞ւ ամեն ինչ աղավաղել եք ձեր մեջ, ինչո՞ւ ձեր մեջ հպարտություն չկա։
 +
 +
— Տե՜ր իմ, ո՞ւմ մտքով կանցներ,— ձեռներն իրար խփեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 +
 +
― Աղքատ ասպե՜տ։ Ուռա՜,— հափշտակությամբ բղավեց Կոլյան։
 +
 +
― Լռո՜ւմ ձք... Ինչպե՞ս են համարձակվում վիրավորել ինձ այստեղ՝ ձեր տանը,— հանկարծ հարձակվեց Ագլայան Լիզավետա Պրոկոֆևնայի վրա, արդեն այն հիստերիկ վիճակում, երբ չեն նայում ոչ մի սահմանի և անցնում են բոլոր արգելքներից։— Ինչո՞ւ ինձ բոլորը, բոլորը մինչև վերջինը, տանջում են։ Ինչո՞ւ նրանք, իշխան, ամբողջ երեք օր օձիքիցս են կպել ձեր պատճառով։ Ես ոչ մի դեպքում չեմ ամուսնանա ձեզ հետ։ Իմացեք, որ ոչ մի դեպքում և երբե՛ք։ Իմացե՜ք այդ։ Մի՞թե կարելի է ձեզ նման ծիծաղելիի հետ ամուսնանալ։ Դուք հիմա հայելու մեջ նայեցեք ձեզ, ի՜նչ տեսք ունեք հիմա։ Ինչո՞ւ, ինչո՞ւ են նրանք ինձ ձեռ առնում, թե ես կամուսնանամ ձեզ հետ։ Դուք պետք է որ իմանաք այդ։ Դուք էլ դավադրության մեջ եք նրանց հետ։
 +
 +
— Ոչ ոք երբեք ձեռ չի առել,— վախեցած քրթմնջաց Ադելաիդան։
 +
 +
— Ոչ ոքի մտքով չի անցել, այդպիսի խոսք չի ասվել,— բացականչեց Ալեքսանդրա Իվանովնան։
 +
 +
― Ո՞վ է նրան ձեռ առել։ Ե՞րբ են ձեռ առել։ Ո՞վ կարող է դա ասել նրան։ Նա զառանցո՞ւմ է, թե ոչ,— զայրույթից դողալով, դիմում էր բոլորին Լիզավետա Պրոկոֆևնան։
 +
 +
— Բոլորն ասում էին, բոլորը, մինչև վերջինը, ամբողջ երեք օր։ Ես երբեք, երբեք չեմ ամուսնանա նրա հետ։
 +
 +
Ճչալով այդ, Ագլայան դառն արցունք թափեց, դեմքը ծածկեց թաշկինակով և ընկավ աթոռին։
 +
 +
— Բայց նա քեզ դեռ չի էլ խնդ...
 +
 +
— Ես ձեզ չեմ խնդրել, Ագլայա Իվանովնա,― հանկարծ դուրս թռավ իշխանի բերանից։
 +
 +
― Ի֊ի՜նչ,― զարմացած, զայրացած, սարսափած ծոր տվեց հանկարծ Լիզավետա Պրոկոֆևնան,— ինչ ա֊սա֊ցի՞ր։
 +
 +
Նա իր ականջներին չէր ուզում հավատալ։
 +
 +
— Ես ուզում էի ասել... ես ուզում էի ասել,— սկսեց դողդողալ իշխանը,— ես ուզում էի միայն պարզաբանել Ագլայա Իվանովնային... այդպիսի պատիվ ունենալ բացատրելու, որ ես բնավ մտադրություն չունեի... պատիվ ունենալ նրա ձեռքը խնդրելու․․․ նույնիսկ երբևիցե... ես այստեղ ոչնչով մեղավոր չեմ, աստված վկա մեղավոր, չեմ, Ագլայա Իվանովնա։ Ես երբեք չեմ ուզել, և երբեք մտքումս չի եղել, երբեք չեմ ուզի, ինքներդ կտեսնեք, համողվա՛ծ եղեք։ Այստեղ որևէ չար մարդ ինձ զրպարտել է ձեր առաջ։ Հանգի՜ստ եղեք։
 +
 +
Այդ ասելով նա մոտեցավ Ագլայային։ Սա հեռացրեց թաշկինակը, որով ծածկել էր երեսը, արագ նայեց իշխանին, նրա ողջ վախեցած կերպարանքին, ըմբռնեց նրա խոսքերը և հանկարծ ուղղակի հռհռաց նրա երեսին, այնպիսի ուրախ ու անզուսպ հռհռոցով, այնպիսի ծիծաղաշարժ ու ծաղրալի ծիծաղով, որ Ադելաիդան առաջինը չդիմացավ, մանավանդ, երբ նույնպես նայեց իշխանին, նետվեց դեպի գրկեց նրան և հռհռաց նույնպիսի անզուսպ, աշակերտական ուրախ ծիծաղով, ինչպես և նա։ Սրանց նայելով, հանկարծ ժպտալ սկսեց և իշխանը և ուրախ ու երջանիկ արտահայտությամբ սկսեց կրկնել.
 +
 +
— Դե, փա՛ռք աստծու, փա՛ռք աստծու։
 +
 +
Այստեղ արդեն չդիմացավ և Ալեքսանդրան և սկսեց ամբողջ սրտով հռհռալ։ Թվում էր, բոլոր երեքի այդ ծիծաղը վերջ չի ունենա։
 +
 +
— Այ քեղ խելագարնե՜ր,— փնթփնթաց Լիզավետա Պրոկոֆևնան,— մեկ վախեցնում են, մեկ էլ...
 +
 +
Բայց արդեն ծիծաղում էր նաև իշխան Շչ֊ն, ծիծաղում էր և Եվգենի Պավլովիչը, առանց լռելու հռհռում էր Կոլյան, բոլորին նայելով, հռհռում էր նաև իշխանը։
 +
 +
— Գնանք զբոսանքի, գնանք զբոսանքի,― բղավում էր Ադելաիդան,— բոլորս միասին և անպայման իշխանն էլ մեզ հետ. կարիք չկա, որ գնաք, դուք, սիրելի մարդ։ Ի՜նչ հաճելի մարդ է նա, Ագլայա։ Այնպես չէ՞, մայրիկ։ Համ էլ ես պետք է անպայման, անպայման համբուրեմ նրան և գրկեմ նրան Ագլայայի հետ հիմա ունեցած նրա բացատրության համար։ Maman, սիրելիս, թույլ կտա՞ք համբուրել նրան։ Ագլայա, թույլ տուր համբուրեմ ''քո'' իշխանին,— բղավեց չարաճճին և իրոք մոտ թռավ իշխանին ու համբուրեց նրա ճակատը։ Սա բռնեց Ադելաիդայի ձեռները, պինդ սեղմեց, այնպես, որ Ադելաիդան քիչ մնաց ճչար, անսահման ուրախությամբ նայեց նրան և հանկարծ նրա ձեռքը արագ մոտեցրեց շրթունքներին և երեք անգամ համբուրեց։
 +
 +
— Դե գնա՜նք,— կանչում էր Ագլայան։— Իշխան, դուք կուղեկցեք ինձ։ Կարելի՞ է դա, maman։ Ինձ մերժող փեսային։ Չէ՞ որ դուք առհավետ հրաժարվեցիք ինձնից, իշխան։ Այդպես չէ, այդպե՛ս չեն առաջարկում ձեռքը դամային, մի՞թե չգիտեք, թե ինչպես պետք է թևանցուկ անել դամային։ Ահա այսպես, գնանք, մենք կգնանք բոլորի առջևից․ ուզո՞ւմ եք գնալ բոլորի առջևից, tête-à-tête։
 +
 +
Նա խոսում էր անընդհատ, դեռ շարունակ ծիծաղի պոռթկումներով։
 +
 +
— Փա՜ռք աստծու, փա՜ռք աստծու,— կրկնում էր Լիզավետա Պրոկոֆևնան, ինքն էլ չիմանալով, թե ինչի վրա է ուրախանում։
 +
 +
«Շատ տարօրինակ մարդիկ են»,― մտածեց իշխան Շչ֊ն, գուցե արդեն հարյուրերորդ անգամ այն ժամանակից ի վեր, որ մտերմացել էր նրանց հետ, բայց... նրան դուր էին գալիս այդ տարօրինակ մարդիկ։ Ինչ վերաբերում է իշխանին, ապա, թերևս, նա այնքան էլ դուր չէր գալիս նրան։ Իշխան Շչ-ն փոքր֊ինչ խոժոռված և կարծես մտահոգված էր, երբ բոլորը դուրս եկան զբոսանքի։
 +
 +
Եվգենի Պավլովիչը, թվում է, ամենաուրախ տրամադրության մեջ էր, մինչև կայարան ամբողջ ճանապարհին ծիծաղեցնում էր Ալեքսանդրային և Ադելաիդային, որոնք արդեն ինչ-որ չափազանց առանձնահատուկ պատրաստակամությամբ էին ծիծաղում նրա կատակների վրա, այն աստիճան, որ նա մի քիչ սկսեց կասկածել, որ նրանք գուցե բոլորովին էլ չեն լսում իրեն։ Այդ մտքից նա հանկարծ և առանց պատճառը բացատրելու, վերջապես, սկսեց սաստիկ ու բոլորովին անկեղծ քրքջալ (այդպես էր նրա բնավորությունը)։ Քույրերը, որոնք, ի դեպ, ամենատոնական տրամադրության մեջ էին, անընդհատ նայում էին առջևից գնացող Ագլայային ու իշխանին. երևում էր, որ կրտսեր քույրիկը նրանց առաջ մեծ հանելուկ էր դրել։ Իշխան Շչ֊ն շարունակ ջանում էր խոսակցություն սկսել Լիզավետա Պրոկոֆևնայի հետ կողմնակի նյութերի մասին, գուցե նրան զբաղեցնելու համար, և սարսափելի ձանձրացրեց նրան։ Թվում է, նրա բոլոր մտքերը ջարդուփշուր էին եղել, անպատեհ պատասխաններ էր տալիս և երբեմն էլ բոլորովին չէր պատասխանում։ Բայց Ագլայա Իվանովնայի հանելուկները այդ երեկո դեռ չէին վերջացել։ Վերջին հանելուկը արդեն բաժին ընկավ միայն իշխանին։ Երբ ամառանոցից մոտ հարյուր քայլ հեռացել էին, Ագլայան արագ կիսաշշուկով ասաց իր համառորեն լոող կավալերին.
 +
 +
— Նայեցեք դեպի աջ։
 +
 +
Իշխանը նայեց։
 +
 +
— Ուշադիր նայեցեք։ Տեսնո՞ւմ եք այն նստարանը զբոսայգում, ահա որտեղ այն երեք մեծ ծառերն են... կանաչ նստարանը։
 +
 +
Իշխանը պատասխանեց, որ տեսնում է։
 +
 +
— Ձեզ գուր գալի՞ս՝ է տեղադրությունը։ Ես երբեմն վաղ, ժամը մոտավորապես առավոտվա յոթին, երբ բոլորը դեռ քնած են, գալիս եմ այստեղ մենակ նստելու։
 +
 +
Իշխանը մրթմրթաց, որ տեղադրությունը սքանչելի է։
 +
 +
— Իսկ հիմա գնացեք իմ մոտից, ես այլևս չեմ ուզում ձեզ հետ թևանցուկ գնալ։ Կամ ավելի լավ է, քայլեցեք թևանցուկ, բայց ինձ հետ ոչ մի խոսք մի փոխանակեք։ Ես ուզում եմ մենակ մտածել ինքս ինձ համար...
 +
 +
Բոլոր դեպքերում զուր նախազգուշացում․ իշխանը հավանաբար առանց հրամանի էլ ամբողջ ճանապարհին ոչ մի բառ չէր արտասանի։ Նրա սիրտը ուժգին թրթռաց, երբ նա լսեց նստարանի մասին։ Մի րոպե անց նա ուշքի եկավ և ամոթով վանեց իր անհեթեթ միտքը։
 +
 +
Պավլովսկյան կայարանում լի օրերը, ինչպես հայտնի է, և համենայն դեպս ինչպես բոլորը հաստատում են, «ավելի ընտիր» հասարակություն է հավաքվում, քան կիրակի և տոն օրերին, երբ քաղաքից հավաքվում գալիս են «ամեն տեսակ մարդիկ»։ Հագուստները տոնական չեն, բայց նրբագեղ են։ Հաճելի է հավաքվել երաժշտություն լսելու։ Նվագախումբը՝ գուցե մեր զբոսայգիների նվագախմբերից իրոք լավագույնը, նվագում է նոր բաներ։ Պարկեշտությունն ու պատշաճությունը լինում է արտասովոր, չնայած ընտանեկանության ու նույնիսկ մտերմիկության որոշ ընդհանուր տեսքին։ Ծանոթները, բոլորը հովեկներ, հավաքվում են իրար երես տեսնելու։ Շատերը դա անում են իսկական բավականությամբ և գալիս են միայն դրա համար, բայց կան և այնպիսիները, որոնք գալիս են միայն երաժշտության համար։ Սկանդալները արտասովոր կերպով քիչ են, թեև, սակայն, լինում են նաև լի օրերը։ Բայց չէ՞ որ առանց դրա անհնար է։
 +
 +
Այս անգամ երեկոն սքանչելի էր և ժողովուրդ էլ բավականաչափ կար։ Նվագախմբի մոտի բոլոր տեղերը գրավված էին։ Մեր խումբը տեղավորվեց փոքր֊ինչ մի կողմ դրված աթոռների վրա, կայարանի ամենաձախակողմյան ելքին մոտիկ։ Ամբոխը, երաժշտությունը որոշ չափով աշխուժացրին Լիզավետա Պրոկոֆևնային և զվարճացրին օրիորդներին, որոնք կարողացան հայացքներ փոխանակել ծանոթներից ոմանց հետ և հեռվից սիրալիր գլուխ տալ ոմանց. ժամանակ գտան զննելու հագուստները, նկատելու որոշ տարօրինակություններ, իրար հետ խոսել այդ մասին, ծաղրական ժպտալ։ Եվգենի Պավլովիչը նույնպես շատ հաճախ ողջույններ էր տալիս-առնում։ Ագլայայի և իշխանի վրա, որոնք դեռ միասին էին, ոմանք արդեն ուշադրություն դարձրին։ Շուտով մայրիկին և օրիորդներին մոտեցան ծանոթ երիտասարդներից ոմանք. երկուսը թե երեքը մնացին զրուցելու. բոլորը բարեկամ էին Եվգենի Պավլովիչին։ Նրանց մեջ էր գտնվում մի երիտասարդ ու շատ գեդեցիկ սպա, շատ ուրախ, շատ զրուցասեր. նա շտապեց խոսակցություն սկսել Ագլայայի հետ և ամբողջ ուժով ջանում էր իր վրա հրավիրել նրա ուշադրությունը։ Ագլայան նրա հետ վարվում էր շատ ողորմածաբար և չափազանց ծիծաղկոտ էր։ Եվգենի Պավլովիչը թույլտվություն խնդրեց իշխանից՝ վերջինիս այդ բարեկամի հետ ծանոթացնելու․ իշխանը հազիվ հասկացավ, թե ինչ են ուզում իրենից, բայց ծանոթությունը կայացավ, երկուսն էլ իրար ողջունեցին ու միմյանց ձեռք մեկնեցին։ Եվգենի Պավլովիչի բարեկամը մի հարց տվեց, բայց իշխանը, կարծես, դրան չպատասխանեց կամ այն աստիճան տարօրինակ մի բան ծամծմեց ինքն իրեն, որ սպան նայեց նրան շատ ուշադիր, հետո նայեց Եվգենի Պավլովիչին, անմիջապես հասկացավ, թե նա ինչու էր հնարել այդ ծանոթացումը, թեթևակի քմծիծաղ տվեց և նորից դարձավ Ագլայային։ Միայն Եվգենի Պավչովիչը նկատեց, որ այդ ժամանակ Ագլայան հանկարծ շիկնեց։
 +
 +
Իշխանը նույնիսկ այն էլ չէր նկատում, որ ուրիշները խոսում ու սիրաբանում են Ագլայայի հետ, նույնիսկ րոպեներ էին լինում, երբ նա մոռանում էր, որ ինքն էլ նստած է նրա կողքին։ Երբեմն նա ուզում էր գնալ մի տեղ, բոլորովին չքանալ այստեղից, և նույնիսկ նրան դուր կգար մռայլ, ամայի մի տեղ, միայն թե մենակ լիներ իր մտքերի հետ, և որպեսզի ոչ ոք չիմանար, թե նա որտեղ է գտնվում։ Կամ գոնե իր տանը լիներ, պատշգամբում, բայց այնպես, որ այդտեղ ոչ ոք չլիներ, ոչ Լեբեդևը, ոչ երեխաները։ Նետվեր իր բազմոցին, գլուխը թաղեր բարձի մեջ և այդպես պառկած մնար մի օր, մի գիշեր, էլի մի օր։ Որոշ վայրկյաններ նա երազում էր և լեռների մասին, և հատկապես մի ծանոթ կետի մասին լեռներում, որը նա միշտ սիրում էր մտաբերել և ուր սիրում էր գնալ, երբ դեռ այնտեղ էր ապրում, և այնտեղիը ցած նայել գյուղին, ներքևում հազիվ առկայծող ջրվեժի բարակ թելին, սպիտակ ամպերին, լքված հին ամրոցին։ Օ՜, ինչպես էր ուզում նա հիմա այնտեղ հայտնվել և մտածել մի բանի մասին, օ՜, ամբողջ կյանքում միայն այդ մասին, և հազար տարվա համար հերիք էր։ Եվ թող, թող այստեղ նրան բոլորովին մոռանան։ Օ, դա նույնիսկ պետք է, նույնիսկ ավելի լավ է, եթե բոլորովին չճանաչեին նրան և այդ ամբողջ տեսիլը լիներ միայն երազում։ Եվ մի՞թե միևնույն չէ, երազո՞ւմ, թե արթմնի։ Երբեմն նա հանկարծ հինգական րոպե նայում էր Ագլայային և հինգական րոպե հայացքը չէր կտրում նրա երեսիը. բայց նրա հայացքը խիստ տարօրինակ էր. թվում էր, նա Ագլայային նայում էր ինչպես իրենից երկու վերստ հեռու գտնվող առարկայի, կամ կարծես նրա պատկերին, և ոչ թե հենց իրեն։
 +
 +
— Ի՞նչ եք այդպես նայում ինձ, իշխան,— ասաց նա հանկարծ, ընդհատելով զվարթ խոսակցությունն ու ծիծաղը շրջապատոզների հետ։— Ես ձեզնից վախենում եմ, ինձ շարունակ թվում է, թե դուք ուզում եք մեկնել ձեր ձեռքը և մատներով դիպչել երեսիս՝ շոշափելու համար։ Ճիշտ չէ՞, Եվգենի Պավլիչ, նա այդպես է նայում։
 +
 +
Իշխանը լսեց, թվում է, զարմացած, որ իրեն դիմեցին, գլխի ընկավ, թեև, գուցե, լիովին չհասկացավ, չպատասխանեց, բայց տեսնելով, որ Ագլայան և բոլորը ծիծաղում են, հանկարծ բերանը բացեց ու սկսեց ինքն էլ ծիծաղել։ Շուրջը ծիծաղը սաստկացավ. սպան, ըստ երևույթին ծիծաղկոտ մարդ, ուղղակի փռթկաց ծիծաղից։ Ագլայան հանկարծ զայրագին շշնջաց ինքն իրեն.
 +
 +
— Ապո՛ւշ։
 +
 +
— Տե՜ր իմ։ Մի՞թե նա դրա նմանին... մի՞թե նա բոլորովին խելքը կթռցնի,— ինքն իրեն կրճտացրեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 +
 +
— Դա կատակ է։ Դա նույն կատակն է, ինչ որ այն ժամանակ «աղքատ ասպետը»,― հաստատ շշնջաց նրա ականջին Ալեքսանդրան,— և ուրիշ ոչինչ։ Ագլայան, յուրովի, նրան նորից ձեռ է առնում։ Միայն թե շատ հեռու է գնացել այդ կատակը. դրան պետք է վերջ տալ, maman։ Քիչ առաջ նա դերասանուհու պես ծամածռվում էր, չարաճճիության համար մեզ վախեցրեց․․․
 +
 +
— Դեռ չավ է, որ այդպիսի ապուշի է հանդիպել,— շշուկով պատասխանեց նրան Լիզավետա Պրոկոֆևնան ։ Աղջկա դիտողությունը համենայն դեպս թեթևացրեց նրան։
 +
 +
Իշխանը, սակայն, լսեց, թե ինչպես իրեն ապուշ անվանեցին, և ցնցվեց, բայց ոչ նրանից, որ իրեն ապուշ անվանեցին։ «Ապուշը» նա իսկույն մոռացավ։ Բայց ամբոխի մեջ, իր նստած տեղից ոչ հեռու, ուր-որ կողքից,― նա ոչ մի դեպքում չէր կարողանա ցույց տալ, ստույգ որտեղ և որ կետում,— երևաց մի դեմք, գունատ դեմք՝ թուխ գանգուր մազերով, ծանոթ, շատ ծանոթ ժպիտով ու հայացքով, երևաց ու անհայտացավ։
 +
 +
Շատ հնարավոր է, որ դա միայն թվաց նրան, ամբողջ տեսիլքից նրա տպավորության մեջ մնացին ծուռ ժպիտը, աչքերը և պճնամոլի բաց-կանաչ փողկապը, աչքին երևացած պարոնի վզին։ Արդյոք ամբոխի մե՞ջ կորավ այդ պարոնը, թե վստաց կայարան, իշխանը նույնպես չէր կարող որոշել։
 +
 +
Բայց մի րոպե անց նա հանկարծ արագ և անհանգիստ սկսեց շուրջը նայել. այդ առաջին տեսիլը կարող էր երկրորդ տեսիլի նախագուշակն ու նախակարապետը լինել։ Դա հաստատ պետք է լիներ։ Մի՞թե նա մոռացել էր հնարավոր հանդիպման մասին, երբ գալիս էին կայարան։ Ճիշտ է, երբ նա գալիս էր կայարան, այնպիսի վիճակում էր, որ կարծես նույնիսկ բոլորովին չգիտեր, թե այստեղ է գալիս։ Եթե նա իմանար կամ կարողանար ավելի ուշադիր լինել, ապա դեռ քառորդ ժամ առաջ կարող կլիներ նկատել, որ Ագլայան մեկ-մեկ և նույնպես կարծես թե անհանգստացած հարևանցի նայում էր չորս կողմը, կարծես նույնպես շուրջը ինչ֊որ բան էր փնտրում։ Հիմա, երբ իշխանի անհանգստությունը շաա նկատելի դարձավ, աճեց Ագլայայի հուզմունքն ու անհանգստությունը, և հենց իշխանը ետ էր նայում, գրեթե անմիջապես ետ էր նայում և Ագլայան։ Տագնապի լուծումը շուտով վրա հասավ։
 +
 +
Կայարանի հենց այն կողքի ելքից, որին մոտիկ տեղավորվել էին իշխանն ու Եպանչինների ամբողջ խումբը, հանկարծ առնվազն տասը հոգուց բաղկացած մի ողջ ամբոխ երևաց։ Ամբոխի առջևում երեք կին կար. նրանցից երկուսը զարմանալի գեղեցիկ էին և ոչ մի տարօրինակ բան չկար, որ նրանց հետևից այդքան երկրպագուներ են շարժվում։ Բայց թե՛ երկրպագուները, թե՛ կանայք՝ այդ բոլորը ինչ֊որ առանձնահատուկ բան էր, որ բոլորովին նման չէր երաժշտության համար հավաքված մյուս ամբողջ հասարակությունը։ Նրանց անմիջապես նկատեցին գրեթե բոլորը, բայց մեծ մասամբ աշխատում էին ցույց տալ, թե նրանց բոլորովին չեն տեսնում, և լոկ երիտասարդներից մի քանիսը ժպտացին նրանց վրա, կիսաձայն ինչ֊որ բան հաղորդելով միմյանց։ Նրանց բոլորովին չտեսնել չկր կարելի. նրանք բացահայտորեն ազդարարում էին իրենց մասին, խոսում էին բարձրաձայն, ծիծաղում։ Կարելի էր ենթադրել, որ նրանցից շատերը խմած էին, թեև մի քանիսը պճնագեղ ու նուրբ կոստյումներով էին. բայց հենց նրանց հետ կային և շատ տարօրինակ արտաքինով մարդիկ, տարօրինակ հագուստով, տարօրինակ բորբոքված հայացքներով, նրանց մեջ կային մի քանի զինվորականներ, կային և ոչ երիտասարդներ. կային շքեղ ու հարմարաձև հագնվածներ, լայն և նուրբ կարված զգեստներով, մատանիներով ու ճարմանդներով, հոյակապ ձյութասև կեղծամներով և այտամորուսներով և դեմքի առանձնահատուկ ազնվաբարո, թեև մի քիչ զզվանք արտահայտող տեսքով, որպիսի մարդկանցից, սակայն, հասարակության մեջ խուսափում են ինչպես ժանտախտից։ Մեր արտաքաղաքային հավաքույթների մեջ, իհարկե, լինում են և այնպիսիները, որ աչքի են ընկնում արտասովոր վայելչությամբ և առանձնապես լավ համբավ ունեն. բայք ամենազգույշ մարդն էլ չի կարող պաշտպանվել հարևան տան կտուրից ցած ընկնող աղյուսից։ Հենց այդ աղյուսը հիմա պատրաստվում էր ընկնել երաժշտության շուրջը հավաքված վայելուչ հասարակության գլխին։
 +
 +
Որպեսզի կայարանից անցնեն այն հրապարակը, որտեղ նվագախումբն է տեղավորված, պետք է ցած իջնել երեք աստիճան։ Հենց այդ աստիճանների մոտ կանգ առավ ամբոխը. ցած իջնել սիրտ չէր անում, բայց կանանցից մեկն առաջ անցավ. շքախմբից նրան հետևել համարձակվեցին միայն երկուսը։ Մեկը բավական համեստ տեսքով միջին տարիքի մարդ էր, ամեն տեսակետից կարգին արտաքինով, բայց իսկական մենակյացի տեսքով, այսինքն' այնպիսինեբից, որոնք երբեք ոչ ոքի չեն ճանաչում և որոնց ոչ ոք չի ճանաչում։ Մյուսը, որ ետ չէր մնացել իր դամայից, ամենաերկիմաստ տեսքով, բոլորովին գջլոտի մեկն էր։ Ուրիշ ոչ ոք չգնաց էքսցենտրիկ տիկնոջ հետևից. բայց, ցած իջնեչով, նա նույնիսկ ետ չնայեց, կարծես նրա համար բոլորովին մեկ էր, արդյոք գալի0ս են իբ հետևից, թե ոչ։ Նա ծիծաղում և առաջվա պես բարձրաձայն խոսում էր։ Նա հագնված էր արտասովոր ճաշակով ու հարուստ, բայց մի քիչ ավելի շքեղ, քան պետք էր։ Նա նվագախմբի մոտով ուղղվեց հրապարակի մյուս կողմը, որտեղ ճանապարհի մոտ ինչ-որ մեկի կառքը սպասում էր մեկին։
 +
 +
Իշխանը ''նրան'' չէր տեսել արդեն ավելի քան երեք ամիս։ Պետերբուրգ գալուց հետո այդ բոլոր օրերը նա պատրաստվում էր նրա մոտ գնալ, բայց գուցե թաքուն նախազգացումը ետ էր պահում իշխանին։ Համենայն դեպս նա ոչ մի կերպ չէր կարող կռահել առաջին տպավորությունը ''նրա'' հետ հանդիպելիս, այնինչ իշխանը երբեմն սարսափով ճգնում էր պատկերացնել դա։ Մի բան պարզ էր նրա համար, որ հանդիպումը ծանր կլինի։ Այս վեց ամսվա ընթացքում նա մի քանի անգամ մտաբերել էր այն առաջին զգացողությունը, որ նրա մեջ առաջացրել էր այդ կնոջ դեմքը, երբ նա դեռևս միայն պատկերն էր տեսել, բայց նույնիսկ նկարից ստացած տպավորության մեջ, մտաբերում էր նա, շատ ծանր բան կար։ Այն ամիսը գավառում, երբ իշխանր գրեթե ամեն օր տեսնվում էր նրա հետ, իշխանի վրա սոսկալի ազդեցություն էր թողել, այն աստիճան, որ իշխանը երբեմն իրենից վանում էր այդ ոչ վաղուցվա հիշողությունն անգամ։ Այդ կնոջ բուն դեմքին իշխանի համար միշտ ինչ-որ տանջալի բան կար, Ռոգոժինի հետ խոսելիս նա այդ զգացումը բացատրեց որպես անսահման խղճահարության զգացմունք, և դա ճիշտ էր, այդ դեմքը, դեռ պատկերի միջից, իշխանի սրտում առաջացնում էր խղճահարության մի ամբողջ տառապանք, այդ էակի համար բարեկցության, նույնիսկ տառապանքի զգացումը երբեք չէր հեռանում նրա սրտից, չհեռացավ և հիմա։ Օ, ոչ, նույնիսկ ավելի ուժգին էր։ Բայց Ռոգոժինին ասածից իշխանը դժգոհ էր մնացել. և միայն հիմա, նրա անակնկալ հայտնվելու, այդ ակնթարթին, իշխանը, գուցե, անմիջական զգացողությամբ հասկացավ, թե ինչն էր պակասում Ռոգոժինին ասած իր խոսքերում։ Պակասում էին այն խոսքերը, որոնք կարող լինեին սարսափ արտահայտել. այո, սարսա՜փ։ Նա հիմա, այս րոպեիս, լիովին զգում էր այդ սարսափը. նա հավատացած էր, լիովին համոզված էր, իր հատուկ պատճառներով, որ այդ կինը խելագար է։ Եթե մարդ, սիրելով մի կնոջ աշխարհում ամեն ինչից ավելի կամ կանխաճաշակելով այդպիսի սիրո հնարավորությունը, հանկարծ նրան տեսնի շղթայակապ, երկաթե վանդակի հետևում, վերակացուի մահակի տակ, ապա այդպիսի տպավորությունը մի քիչ նման կլիներ այն տպավորությանը, որ հիմա զգաց իշխանը։
 +
 +
— Ձեզ ի՞նչ է պատահել,— արագ շշնջաց Ագլայան, նայելով նրան և միամտորեն ձիգ տալով նրա թևը։
 +
 +
Նա գլուխը շրջեց Ագլայայի կողմը, նայեց նրան, նայեց նրա սև, այդ րոպեին իշխանի համար անհասկանալիորեն փայլող աչքերի մեջ, փորձեց ժպտալ նրան, բայց հանկարծ, վայրկենաբար մոռանալով նրան, նորից աչքերը հառեց դեպի աջ և նորից սկսեց հետևել իր արտակարգ տեսիլին։ Նաստասյա Ֆիլիպովնան այդ րոպեին անցնում էր հենց օրիորդների աթոռների մոտով։ Եվգենի Պավլովիչը շարունակում էր ըստ երևույթին շատ ծիծաղելի և հետաքրքիր մի բան պատմել Ալեքսանդրա Իվանովնային, ասում էր արագ ու ոգևորված։ Իշխանը հիշում էր, որ Ագլայան հանկարծ կիսաշշուկով արտասանեց. «ինչպիսի...»։
 +
 +
Անորոշ ու թերասած մի բառ. Ագլայան վայրկենաբար զսպեց իրեն և այլևս ոչինչ չավելացրեց, բայց այդքանն արդեն բավական էր։ Նաստասյա Ֆիլիպովնան, որ անցնում էր կարծես թե հատկապես չնկատելով որևէ մեկին, հանկարծ շուռ եկավ նրանց կողմը և կարծես թե նոր միայն նկատեց Եվգենի Պավլովիչին։
 +
 +
— Վ-վա՛հ։ Տեսեք, ահա նա՜,— բացականչեց նա, հանկարծ կանգ առնելով,— մեկ ոչ մի սուրհանդակով գտնել չես կարող, մեկ էլ կարծես դիտմամբ նստում է այնտեղ, որտեղ մտքովդ էլ չի անցնի... Ախր ես կարծում էի, թե դու այնտեղ ես... հորեղբորդ մոտ։
 +
 +
Եվգենի Պավլովիչը բռնկվեց, կատաղի նայեց Նաստասյա Ֆիլիպովնային, բայց նորից արագ շրջվեց նրանից։
 +
 +
— Ի՞նչ։ Մի՞թե չգիտես։ Պատկերացրեք, նա դեռ չգիտի՜։ Ինքնասպա՜ն եղավ։ Այսօր առավոտյան հորեղբայրդ ինքնասպանություն գործեց։ Ինձ դեռ այն ժամանակ, ժամը երկուսին ասացին. հիմա քաղաքի կեսն արդեն գիտի, ասում են պետական երեք հարյուր հիսուն հազարը չկա, իսկ ոմանք էլ ասում են՝ հինգ հարյուր հազար։ Այնինչ ես շարունակ հույս ունեի, թե դեռ քեզ ժառանգություն կթողնի. ամբողջը քամուն է տվել։ Շատ անառակ ծերունի էր... Դե, մնաս բարով, bonne chance<ref>Ցանկանում եմ հաջողություն (ֆրանս.)։
 +
</ref>! Մի՞թե չես գնա։ Ահա՜ թե ինչու ժամանակին պաշտոնաթող եղար, խորամա՜նկ։ Ղատարկ բա՜ն է, գիտեիր, գիտեիր վաղօրոք, գուցե դեռ երեկվանից գիտեիր...
 +
 +
Թեև լկտիաբար օձիքից կպչելը, ծանոթություն ու մտերմություն (որոնք չկային) ցուցադրելն անպայման նպատակ ուներ և հիմա դրանում արդեն ոչ մի կասկած չէր կարող լինել, բայց Եվգենի Պավլովիչը սկզբում մտածում էր օձիքն ազատել հենց այնպես, որևէ կերպ և ինչ ուզում է լինի, չնկատել իրեն վիրավորողին։ Բայց Նաստասյա Ֆիլիպովնայի խոսքերը որոտի պես ճայթեցին նրա գլխին. լսելով հորեղբոր մահվան մասին, նա քաթանի պես գունատվեց և դարձավ դեպի լրաբերը։ Այդ րոպեին Լիզավետա Պրոկոֆևնան տեղից վեր կացավ, իր հետևից վեր հանեց բոլորին և համարյա փախավ այդ տեղից։ Միայն իշխան Լև Նիկոլաևիչը մի վայրկյան մնաց տեղում, ասես անվճռականության մեջ, մեկ էլ Եվգենի Պավլովիչն էր դեռ կանգնել՝ ուշքի չեկած։ Բայց Եպանչինները դեռ չէին հասցրել քսան քայլ անել, երբ սարսափելի սկանդալ բռնկվեց։
 +
 +
Եվգենի Պավլովիչին շատ մտերիմ սպան, որ զրուցում էր Ագլայայի հետ, ծայրահեղորեն վրդովված էր։
 +
 +
— Այստեղ ուղղակի մտրակ է պետք, այլ կերպ վարվել չի լինի այս անպատկառի հետ,— գրեթե բարձրաձայն ասաց նա։ (Նա կարծես առաջ էլ Եվգենի Պավլովիչի կոնֆիդենտն<ref>Կոնֆիդենտ (ֆրանկ. confident-ից) — հավատարմատար։
 +
</ref> էր):
 +
 +
Նաստասյա Ֆիլիպովնան վայրկենաբար շուռ եկավ դեպի նա։ Նրա աչքերը փայլատակեցին։ Նա նետվեց իրենից երկու քայլ հեռու կանգնած և բոլորովին անծանոթ մի երիտասարդի կողմը, որը ձեռքին բռնած ուներ մի բարալիկ հյուսած ճիպոտ, դուրս կորզեց դա նրա ձեռքից և ամբողջ ուժով շեղակի մտրակեց իրեն վիրավորողի դեմքին։ Այդ բոլորը կատարվեց մի ակնթարթում... Սպան, իրեն կորցրած, հարձակվեց նրա վրա. Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ արդեն չկար նրա շքախումբը, միջին տարիքի վայելուչ պարոնը արդեն հասցրել էր աննկատելի կերպով բոլորովին անհայտանալ, իսկ քեֆը չաղ պարոնը կանգնել էր մի կողմ և ամբողջ ուժով հռհռում էր։ Մի րոպե անց, իհարկե, կհայտնվեր ոստիկանությունը, բայց այդ րոպեին վատ կլիներ Նաստասյա Ֆիլիպովնայի գործը, եթե վրա չհասներ անակնկալ օգնությունը. իշխանը, որ նույնպես կանգ էր առել երկու քայլ հեռու, հասցրեց հետևից բռնել սպայի ձեռքերը։ Իր ձեռքը կորզելով, սպան ուժեղ հրեց նրա կրծքին. իշխանը մի երեք քայլ ետ թռավ ու ընկավ աթոռին։ Բայց արդեն հայտնվել էին Նաստասյա Ֆիլիպովնայի ևս երկու պաշտպան։ Հարձակվող սպայի առաջ կանգնած էր բռնցքամարտիկը, ընթերցողին հայտնի հոդվածի հեղինակը և ռոգոժինյան առաջվա խմբի իսկական անդամը։
 +
 +
— Կե՛լլեր։ Պաշտոնաթող պորուչիկ,— ներկայացավ նա ցուցամոլությամբ։— Կամենում եք ձեռնամարտ, կապիտան, ուրեմն, փոխարինելով թույլ սեռին, ձեր տրամադրության տակ եմ. անցել եմ ամբողջ անգլիական բռնցքամարտը։ Մի բոթբթեք, կապիտան, կարեկցում եմ ''արյունալի'' վիրավորանքի համար, բայց չեմ կարող թույլ տալ բռունցքի իրավունքը մի կնոջ հետ, հասարակության աչքի առաջ։ Իսկ եթե, ինչպես վայել է ամենաազնվագույն անձնավորությանը ուրիշ ձևով, ապա, հասկանալի է, պետք է որ ինձ հասկանաք, կապիտան...
 +
 +
Բայց կապիտանն արդեն ուշքի էր եկել և արդեն չէր լսում նրան։ Այդ րոպեին ամբոխի միջից հայտնված Ռոգոժինը թևանցուկ արեց Նաստասյա Ֆիլիպովնային և տարավ նրան իր հետևից։ Իր հերթին Ռոգոժինը թվում էր սարսափելի ցնցված, գունատ էր և դողում էր։ Հեռացնելով Նաստասյա Ֆիլիպովնային, նա համենայն դեպս հասցրեց չար ծիծաղել սպայի երեսին և հաղթանակած քարվանսարայի առևտրականի պես ասաց.
 +
 +
— Թո՛ւ։ Ի՜նչ ստացար։ Մռո՛ւթդ արյունոտեցի՜ր։ Թո՛ւ։
 +
 +
Ուշքի գալով և լիովին գլխի ընկնելով, թե ում հետ գործ ունի, սպան քաղաքավարի (ի դեպ, երեսը թաշկինակով ծածկած) դիմեց իշխանին, որն արդեն վեր էր կացել աթոռից.
 +
 +
— Իշխան Մի՞շկինն եք, որի հետ ծանոթանալու հաճույքն ունեցա։
 +
 +
— Նա խելագա՜ր է։ Ցնորվա՜ծ։ Հավատացնում եմ ձեզ,— պատասխանեց իշխանը դողդոջուն ձայնով, չգիտես ինչու նրան պարզելով իր գողացող ձեռքերը։
 +
 +
— Ես, իհարկե, չեմ կարող պարծենալ այդպիսի տեղեկություններով, բայց ինձ հարկավոր է իմանալ ձեր անունը։
 +
 +
Նա գլխով արավ ու հեռացավ։ Ոստիկանությունը վրա հասավ ուղիղ հինգ վայրկյան անց, հենց որ հեռացան վերջին գործող անձինք։ Ասենք, սկանդալը տևեց ընդամենը երկու րոպեից ոչ ավելի։ Հասարակության միջից ոմանք վեր կացան ու հեռացան, ուրիշներ էլ միայն մի տեղից մի ուրիշ տեղ նստեցին, երրորդները շատ ուրախ էին սկանդալի համար, չորրորդները սաստիկ հետաքրքրվեցին ու սկսեցին աշխույժ խոսակցություն։ Մի խոսքով, գործը վերջացավ սովորական ձևով։ Նվագախումբը նորից սկսեց նվագել։ Իշխանը գնաց Եպանչինների հետևից։ Եթե նա կռահեր կամ հասցներ նայել դեպի ձախ, երբ իրեն բոթելուց հետո նստած էր աթոռին, ապա իրենից քսան քայլ հեռու կտեսներ Ագլայային, որը կանգնել էր դիտելու սկանդալի տեսարանը և չէր լսում արդեն հեռու գնացած մոր և քույրերի կանչերը։ Իշխան Շչ-ն, մոտ վազելով վերջապես համոզեց նրան, որ շուտով հեռանա։ Լիզավետա Պրոկոֆևնան մտքում պահեց, որ Ագլայան նրանց մոտ վերադարձավ այնպիսի հուզված վիճակում, որ հազիվ թե լսում էր իրենց կանչերը։ Բայց ուղիղ երկու րոպե հետո, հենց որ մտան զբոսայգի, Ագլայան ասաց իր սովորական անտարբեր ու քմահաճ ձայնով.
 +
 +
— Ես ուզում էի տեսնել, թե ինչով կվերջանա կատակերգությունը։
 +
 +
=== III ===
 +
 +
Կայարանի դեպքը թե՛ մայրիկին, թե՛ աղջիկներին համարյա սարսափեցրել էր։ Տագնապած ու հուզված՝ Լիզավետա Պրոկոֆևնան ամբողջ ճանապարհը դեպի տուն տառացիորեն համարյա վազում էր աղջիկների հետ։ Ըստ նրա հայացքի ու հասկացողությունների այդ դեպքի մեջ չափազանց շատ բան էր տեղի ունեցել և դրսևորվել, այնպես որ նրա գլխում, չնայած ամբողջ խառնաշփոթությանն ու վախին, արդեն ծնվում էին վճռական մտքեր։ Բայց բոլորը նույնպես հասկանում էին, որ մի առանձնահատուկ բան էր պատահել և, որ, գուցե, բարեբախտաբար, սկսում է բացահայտվել ինչ-որ արտակարգ գաղտնիք։ Չնայած իշխան Շչ-ի առաջվա հավաստիացումներին ու բացատրություններին, Եվգենի Պավլովիչը «հիմա երևան էր հանվել», մերկացվել, բացահայտվել և «օրինական ձևով երևացել են նրա կապերը այդ արարածի հետ»։ Այդպես էր կարծում Լիզավետա Պրոկոֆևնան և նույնիսկ նրա երկու ավագ աղջիկները։ Այդ եզրակացության օգուտն այն էր, որ ավելի շատ հանելուկներ կուտակվեցին։ Աղջիկները թեև իրենց մտքում մասամբ զայրանում էին մայրիկի արդեն չափից ավելի սաստիկ վախի և այդպիսի բացահայտ փախուստի համար, բայց իրարանցման առաջին պահին սիրտ չէին անում հարցերով անհանգըստացնել նրան։ Բացի դրանից, չգիտես ինչու նրանց թվում էր, որ իրենց քույրիկը, Ագլայա Իվանովնան, գուցե այդ գործում ավելին գիտի, քան բոլոր երեքը՝ մայրիկով հանդերձ։ Իշխան Շչ-ն նույնպես մռայլ էր գիշերվա պես և շատ մտախոհ։ Լիզավետա Պրոկոֆևնան ամբողջ ճանապարհին նրա հետ մի խոսք չփոխանակեց, իսկ սա կարծես նույնիսկ չնկատեց այդ։ Ադելաիդան փորձեց նրան հարցնել. «Այդ ի՞նչ հորեղբոր մասին էին խոսում հիմա և ի՞նչ է պատահել այնտեղ Պետերբուրգում»։ Բայց նա ի պատասխան ամենաթթված դեմքով փնթփնթաց շատ անորոշ բան ինչ-որ տեղեկանքների մասին, և որ այդ բոլորը, իհարկե, միայն անհեթեթ բան է։ «Դրանում կասկա՜ծ չկա»,— պատասխանեց Ադելաիդան և այլևս ոչնչի մասին չհարցրեց։ Այնինչ Ագլայան չտեսնված հանգստացել էր և ճանապարհին միայն նկատեց, որ շատ արագ են վազում։ Մի անգամ նա ետ շրջվեց ու տեսավ իշխանին, որը գալիս էր նրանց հետևից։ Նկատելով իրենց հասնելու նրա ջանքերը, Ագլայան ծաղրաբար ժպտաց և արդեն այլևս ետ չէր նայում նրան տեսնելու։
 +
 +
Վերջապես համարյա բուն ամառանոցի մոտ հանդիպեց նրանց ընդառաջ եկող Իվան Ֆյոդորովիչը, որ հենց նոր էր վերադարձել Պետերբուրգից։ Նա անմիջապես, առաջին իսկ խոսքից սկսեց հարցուփորձ անել Եվգենի Պավլովիչի մասին։ Բայց կինը սպառնալից անցավ նրա կողքով, առանց պատասխանելու և նույնիսկ առանց նայելու նրան։ Աղջիկների և իշխան Շչ-ի աչքերից նա իսկույն հասկացավ, որ տանը փոթորիկ է։ Բայց առանց այդ էլ նրա սեփական դեմքն արտացոլում էր ինչ-որ արտակարգ անհանգստություն։ Նա իսկույն բռնեց իշխան Շչ-ի թևը, կանգնեցրեց նրան տան մուտքի մոտ և գրեթե շշուկով նրա հետ մի քանի խոսք փոխանակեց։ Երկուսի էլ տագնապած տեսքից, երբ հետո նրանք պատշգամբ բարձրացան և անցան Լիզավետա Պրոկոֆևնայի մոտ, կարելի էր կարծել, որ երկուսն էլ ինչ-որ արտակարգ լուրեր են լսել։ Քիչ-քիչ բոլորը հավաքվեցին Լիզավետա Պրոկոֆևնայի մոտ վերևում, և վերջապես պատշգամբում մնաց մենակ իշխանը։ Նա նստել էր անկյունում, ասես ինչ-որ բանի սպասելով, սակայն, ինքն էլ չիմանալով, թե ինչու, նրա մտքովն էլ չէր անցնում գնալ. տեսնելով տան իրարանցումը, թվում է, նա մոռացել էր ամբողջ տիեզերքը և պատրաստ էր նստած մնալ անընդհատ երկու տարի, որտեղ էլ նրան նստեցնեին։ Վերևից երբեմն նրան էին հասնում տագնապալի խոսակցության արձագանքները։ Նա ինքը չէր կարողանա ասել, որքան ժամանակ էր նստել այստեղ։ Ժամանակն անցնում էր, և բոլորովին մթնեց։ Հանկարծ պատշգամբ գուրս եկավ Ագլայան, արտաքուստ նա հանգիստ էր, թեև փոքր-ինչ գունատ։ Տեսնելով իշխանին, որին «հավանաբար չէր սպասում» հանդիպել այստեղ աթոռին նստած, անկյունում, Ագլայան ժպտաց կարծես տարակուսանքով։
 +
 +
— Ի՞նչ եք անում այստեղ,— մոտեցավ նա նրան։
 +
 +
Իշխանը շփոթված ինչ֊որ բան փնթփնթաց և վեր թռավ աթոռից, բայց Ագլայան իսկույն նստեց նրա կողքին, նորից նստեց և իշխանը։ Ագլայան հանկարծ, բայց ուշադիր զննեց նրան, հետո լուսամատից դուրս նայեց, կարծես առանց որևէ մտքի, հետո նորից իշխանին։ «Գուցե նա ուղում է ծիծաղել,— անցավ իշխանի մտքով,— բայց ոչ, եթե ուզենար, կծիծաղեր»։
 +
 +
— Գուցե թե՞յ եք ուզում, պատվիրեմ,— ասաց Ագլայան քիչ լռելուց հետո։
 +
 +
— Ո-ոչ... Ես չգիտեմ...
 +
 +
— Մարդ ինչպե՞ս կարող է չիմանալ այդ։ Ախ, հա, լսեցեք, եթե մեկնումեկը ձեզ մենամարտի հրավիրեր, դուք ի՞նչ կանեիք։ Ես դեռ այն ժամանակ էի ուզում հարցնել։
 +
 +
— Դե... ո՞վ պիտի... ինձ ոչ ոք մենամարտի չի հրավիրի։
 +
 +
— Դե, եթե հրավիրեի՞ն։ Դուք շա՞տ կվախենայիք։
 +
 +
— Կարծում եմ, որ շատ... կվախենայի։
 +
 +
— Լո՞ւրջ։ Ուրեմն դուք վախկո՞տ եք։
 +
 +
— Ո֊ոչ. գուցե և ոչ։ Վախկոտը նա է, ով վախենում և փախչում է, իսկ ով վախենում է, բայց չի փախչում, նա դեռ վախկոտ չէ,— ժպտաց իշխանը փոքր-ինչ մտածելով։
 +
 +
— Իսկ դուք չե՞ք փախչի։
 +
 +
— Գուցե և չեմ փախչի,— ծիծաղեց նա վերջապես Ագլայայի հարցերի վրա։
 +
 +
— Ես թեև կին եմ, բայց ոչ մի դեպքում չէի փախչի,— նկատեց Ագլայան համարյա վիրավորված։— Ասենք, դուք ինձ վրա ծիծաղում եք և ըստ ձեր սովորության կոտրատվում, որպեսզի ավելի հետաքրքիր երևաք. ասացեք, սովորաբար կրակում են տասներկու քայլ հեռավորությունի՞ց։ Ոմանք նաև տա՞սը։ Դա հաստատ նշանակում է սպանվել կամ վիրավորվե՞լ։
 +
 +
— Մենամարտերի ժամանակ, ըստ երևույթին, հազվադեպ են կպչում։
 +
 +
— Ինչպե՞ս թե հազվադեպ։ Պուշկինին չսպանեցի՞ն։
 +
 +
— Դա գուցե պատահական էր։
 +
 +
— Բոլորովին պատահական չէր. մահու մենամարտ էր, և սպանեցին։
 +
 +
— Գնդակն այնքան ցածր էր կպել, որ, հավանաբար, Դանտեսը նշան էր բռնել ավելի բարձր, կրծքին կամ գլխին, իսկ այնպես, ինչպես այդ գնդակն էր կպել, ոչ ոք նշան չի բռնում, նշանակում է, ամենից հավանականն այն է, որ գնդակը Պուշկինին կպել է պատահաբար, վրիպելուց։ Դա ինձ ասել են լավատեղյակ մարդիկ։
 +
 +
— Իսկ գա ինձ մի զինվոր է ասել, որի հետ ես մի անգամ զրուցում էի, որ նրանց դիտմամբ, ըստ կանոնադրության, հրամայված է նշան բռնել, երբ նրանք ցրիվ են գալիս հրաձգության համար, կես-մարդու վրա, նրանց մոտ այդպես էլ ասված է. «կես-մարդու վրա»։ Ահա արդեն, նշանակում է, ոչ թե կրծքին և ոչ թե գլխին, այլ դիտմամբ կես-մարդու վրա է հրամայված կրակել։ Ես հետո հարցրել եմ մի սպայի, նա ասում է, որ դա հենց այդպես է և ճիշտ է։
 +
 +
— Դա ճիշտ է, որովհետև հեռու տարածությունից է։
 +
 +
— Իսկ դուք կրակել գիտե՞ք։
 +
 +
— Ես երբեք չեմ կրակել։
 +
 +
— Մի՞թե ատրճանակը լցնել էլ չգիտեք։
 +
 +
— Չգիտեմ։ Այսինքն՝ հասկանում եմ, թե դա ինչպես պետք է արվի, բայց երբեք ինքս չեմ լցրել։
 +
 +
— Դե, ուրեմն, նշանակում է, որ չգիտեք, որովհետև այստեղ հարկավոր է փորձ։ Լսեցեք ուրեմն և սերտեցեք. նախ և առաջ գնեցեք ատրճանակի լավ վառոդ, թաց չլինի (ասում են, պետք է ոչ թե թաց, այլ շատ չոր), ինչ֊որ մանր, դուք այդպիսին պահանջեցեք, և ոչ թե այնպիսի, որով թնդանոթ են կրակում։ Գնդակն, ասում են, ինչ֊որ ձևով իրենք են ձուլում։ Դուք ատրճանակներ ունե՞ք։
 +
 +
— Չունեմ, և հարկավոր չէ,— ծիծաղեց հանկարծ իշխանը։
 +
 +
— Ախ, ի՜նչ հիմարություն։ Անպայմա՛ն գնեցեք. լավ, ֆրանսիական կամ անգլիական, դա, ասում են, լավագույններն են։ Հետո վառոդ վերցրեք մի մատնոցաչափ, գուցե երկու մատնոցաչափ, և լցրեք։ Ավելի լավ է շատ լինի։ Ամրացրեք թաղիքով (ասում են, չգիտես ինչու, անպայման թաղիքով), դա կարելի է որևէ աեղից ճարել, որևէ ներքնակից, կամ երբեմն դռները թաղիքով են պատում։ Հետո, երբ կխցկեք թաղիքը, գնդակը դրեք, լսեցի՞ք, գնդակը հետո, իսկ վառոդը առաջ, թե չէ չի կրակի։ Ի՞նչ եք ծիծաղում։ Ես ուզում եմ, որ դուք ամեն օր մի քանի անգամ կրակեք և անպայման սովորեք նշանին կպցնել։ Կանե՞ք։
 +
 +
Իշխանը ծիծաղում էր, Ագլայան սրտնեղած ոտքը դոփեց։ Նրա լուրջ տեսքը այդպիսի խոսակցության ժամանակ մի քիչ զարմացրեց իշխանին։ Նա մասամբ զգում էր, որ լավ կլիներ ինքը ինչ֊որ բան իմանար, ինչ֊որ բան հարցներ, համենայն դեպս դրանից ավելի մի լուրջ բան, քան այն, թե ատրճանակն ինչպես են լցնում։ Բայց այդ բոլորը նրա մտքից թռել էր, բացի միայն նրանից, որ իր առաջ նստած է Ագլայան, իսկ ինքը նայում է նրան, իսկ ինչի մասին էլ նա խոսելու լիներ, իշխանի համար այդ րոպեին համարյա միևնույն էր։
 +
 +
Վերևից պատշգամբ իջավ, վերջապես, Իվան Ֆյոդորովիչն ինքը. նա ինչ֊որ տեղ էր գնում խոժոռված, մտահոգված ու վճռական տեսքով։
 +
 +
— Ա՜, Լև Նիկոլաևիչ դու... հիմա ո՞ւր ես գնալու,— հարցրեց նա, չնայած Լև Նիկոլաևիչի մտքով էլ չէր անցնում տեղից շարժվել,— հապա մի գնանք, ես քեզ մի խոսք կասեմ։
 +
 +
— Ցտեսություն,— ասաց Ագլայան և իշխանին պարզեց ձեռքը։
 +
 +
Պատշգամբում արդեն բավական մութն էր, իշխանն այդ վայրկյանին բոլորովին պարզ չէր տեսնի նրա դեմքը։ Մի րոպե անց, երբ գեներալի հետ արդեն դուրս էր գալիս ամառանոցից, նա հանկարծ սաստիկ կարմրեց և ամուր սեղմեց իր աջ ձեռքը։
 +
 +
Պարզվեց, որ Իվան Ֆյոդորովիչին հարկավոր էր նույն ճանապարհով գնալ. չնայած ուշ ժամին, Իվան Ֆյոդորովիչն շտապում էր ինչ֊որ մեկի հետ ինչ֊որ բանի մասին խոսելու։ Բայց առայժմ նա հանկարծ խոսել սկսեց իշխանի հետ, արագ, տագնապած, բավական անկապ, խոսակցության մեջ հաճախակի հիշատակելով Լիզավետա Պրոկոֆևնային։ Եթե իշխանն այդ րոպեին կարողանար ավելի ուշադիր լինել, ապա նա, գուցե գլխի ընկներ, որ Իվան Ֆյոդորովիչն ուզում է ի միջի այլոց, նրանից էլ ինչ֊որ բան իմանալ կամ, լավ է ասել, ուղղակի ու բացարձակ ինչ֊որ բան հարցնել նրան, բայց շարունակ չի հաջողվում նրան շոշափել ամենագլխավոր կետը։ Համոթ իր, իշխանն այն աստիճան ցրված էր, որ ամենասկզբում նույնիսկ ոչինչ չէր լսում, և երբ գեներալը նրա առաջ կանգ առավ ինչ֊որ տաք֊տաք հարց տալով, նա ստիպված էր խոստովանելու նրան, որ ոչինչ չի հասկանում։
 +
 +
Գեներալն ուսերը թոթվեց։
 +
 +
— Բոլորդ ինչ֊որ տարօրինակ մարդիկ եք դարձել,— շարունակեց նա նորից խոսել։— Քեզ ասում եմ, որ բոլորովին չեմ հասկանում Լիզավետա Պրոկոֆևնայի մտքերն ու տագնապները։ Նա հիստերիկայի մեջ է և լալիս է, և ասում է, որ մեզ անարգել ու խայտառակել են։ Ո՞վ։ Ինչպե՞ս։ Ո՞ւմ հետ։ Ե՞րբ և ինչո՞ւ։ Ես խոստովանում եմ, մեղավոր եմ (դա վերցնում եմ իմ վրա), շատ մեղավոր եմ, բայց այդ... անհանգիստ (և ի լրումն իրեն վատ պահող) կնոջ համառ հետապնդումները կարող են սահմանափակվել, վերջապես, ոստիկանության կողմից, և ես նույնիսկ այսօր մտադիր եմ որոշ մարդկանց հետ տեսնվել և նախազգուշացնել։ Ամեն ինչ կարելի է սարքել սուսիկ, հեզ, սիրալիր, նույնիսկ ծանոթության միջոցով և բոլորովին առանց սկանդալի։ Համաձայն եմ նույնպես, որ ապագան հղի է իրադարձություններով և որ չպարզաբանված շատ բան կա. այստեղ կա նաև ինտրիգ, բայց եթե այստեղ ոչինչ չգիտեն, այնտեղ դարձյալ ոչինչ բացատրել չեն կարող. եթե ես չեմ լսել, դու չես լսել, նա չի լսել, հինգերորդը նույնպես ոչինչ չի լսել, ապա, վերջ ի վերջո, էլ ո՞վ է լսել, հարցնում եմ քեզ։ Հապա ինչո՞վ բացատրել դա, քո կարծիքով, բացի նրանից, որ բանը կիսով չափ միրաժ է, գոյություն չունի, ինչպես որ, օրինակ, լուսնի լույսը... կամ ուրիշ տեսիլներ։
 +
 +
— ''Նա'' ցնորված է,— մրմնջաց իշխանը, հանկարծ ցավով հիշելով քիչ առաջվա ամբողջ անցուդարձը։
 +
 +
— Մի խոսքով ասած, եթե դու այդ կնոջ մասին ես ասում։ Մասամբ իմ գլխով էլ այդպիսի միտք էր անցնում և ես հանգիստ քնում էի։ Բայց հիմա տեսնում եմ, որ այստեղ ավելի ճիշտ են մտածում և չեմ հավատում ցնորվածությանը։ Փուչ կին է, ենթադրենք, բայց ընդսմին նույնիսկ սրաթափանց է, ոչ միայն խելագար է։ Այսօրվա արարմունքը Կապիտոն Ալեքսեիչի նկատմամբ դա շատ լավ ապացուցում է։ Նրա կողմից սրիկայական գործ է, այսինքն՝ առնվազն. ճիզվիտական գործ, հատուկ նպատակների համար։
 +
 +
— Ի՞նչ Կապիտոն Ալեքսեիչ։
 +
 +
— Ախ, աստված իմ, Լև Նիկոլաևիչ, դու ոչինչ չես լսում։ Ես հենց նրանից սկսեցի, որ քեզ հետ խոսք բացի Կապիտոն Ալեքսեիչի մասին, այնպես զարմացած եմ, որ նույնիսկ հիմա ոտ ու ձեռս դողում են։ Դրա համար էլ այսօր ուշ մնացի քաղաքում։ Կապիտոն Ալեքսեիչ Ռադոմսկին, Եվգենի Պավլովիչի հորեղբայրը...
 +
 +
— Հե՞,— գոչեց իշխանը։
 +
 +
— Ինքնասպանություն է գործել, առավոտյան, լուսաբացին, ժամը յոթին։ Ծերուկ, հարգարժան, յոթանասուն տարեկան, էպիկուրյան,— ու ճիշտ և ճիշտ ինչպես այն կինն էր ասում,— պետական գումար, նշանակալից գումար։
 +
 +
— Իսկ այդ նա որտեղի՞ց...
 +
 +
— Որտեղից է իմացե՞լ։ Հա՜-հա՜։ Դե ախր նրա շուրջն արդեն մի ամբողջ շտաբ գոյացավ, հենց որ նա հայտնվեց։ Գիտե՞ս նրան հիմա ինչ դեմքեր են այցելում և որոնում «ծանոթանալու այդ պատիվը»։ Բնական է, այն ժամանակ կարող էր եկողներից մի բան իմանալ, որովհետև հիմա արդեն ամբողջ Պետերբուրգը գիտի, և այստեղ կես-Պավլովսկը կամ արդեն նաև ամբողջ Պավլովսկը։ Բայց որքա՜ն նուրբ է նրա դիտողությունը համազգեստի մասին, ինչպես ինձ հաղորդեցին, այսինքն՝ այն մասին, որ Եվգենի Պավլովիչը վաղօրոք հասցրեց պաշտոնաթող լինել։ Այդպիսի՜ դժոխային ակնարկ։ Ոչ, դա խելագարություն չի արտահայտում։ Ես, իհարկե, հրաժարվում եմ հավատալ, որ Եվգենի Պավլովիչը կարող էր առաջուց իմանալ աղետի մասին, այսինքն՝ որ ամսի այսքանին, ժամը յոթին և այլն։ Բայց նա կարող էր այդ ամենը նախազգալ։ Այնինչ ես, այնինչ մենք բոլորս և իշխան Շչ֊ն հույս ունեինք, որ դեռ նա Եվգենի Պավլովիչին ժառանգություն կթողնի։ Օ, սարսա՜փ, սարսա՜փ։ Բայց, հասկացիր, ես Եվգենի Պավլովիչին ոչ մի բանում չեմ մեղադրում և շտապում եմ քեզ բացատրել, բայց և այնպես կասկածելի է։ Իշխան Շչ֊ն անասելի զարմացած է։ Այս ամենը շատ տարօրինակ պատահեց։
 +
 +
— Բայց ի՞նչ կասկածելի բան կա Եվգենի Պավլովիչի վարքի մեջ։
 +
 +
— Ոչի՛նչ չկա։ Իրեն պահում էր ամենաազնվաբարո ձևով։ Եվ ես ոչինչ չեմ ակնարկել։ Նրա սեփական կարողությունը, կարծում եմ, անվթար է։ Լիզավետա Պրոկոֆևնան, հասկանալի է, լսել անգամ չի ուզում... Բայց գլխավորը, բոլոր այս ընտանեկան աղետներն են, կամ, լավ է ասել, այս բոլոր անախորժությունները, այնպես որ մարդ նույնիսկ չգիտի, թե ինչպես անի... Դու, ճիշտն ասած, տան բարեկամն ես, Լև Նիկոլաևիչ, և պատկերացրու, հիմա պարզվում է, ասենք, թեև ոչ ստույգ, որ իբր արդեն ավելի քան մի ամիս առաջ Եվգենի Պավլովիչը բացատրվել է Ագլայայի հետ և իբր թե նրանից ստացել է պաշտոնական մերժում։
 +
 +
— Չի՜ կարող պատահել,— տաք֊տաք բացականչեց իշխանը։
 +
 +
— Մի՞թե դու որևէ րան գիտես։ Գիտե՞ս, սիրելիս,— ցնցվեց ու զարմացավ գեներալը, տեղում կանգ առնելով կարծես քարացած,— ես գուցե զուր տեղը և անպատշաճ կերպով քեզ մոտ խոսք թռցրի բերանիցս, բայց ախր դա նրա համար, որ դու... որ դու... կարելի է ասել, այդպիսի մարդ ես։ Գուցե դու որևէ առանձին բա՞ն գիտես։
 +
 +
— Ես ոչինչ չգիտեմ... Եվգենի Պավլովիչի մասին,— մրթմրթաց իշխանը։
 +
 +
— Ես էլ չգիտեմ։ Ինձ... ինձ, եղբայր, ուզում են ուղղակի հողը դնել և թաղել, և ընդսմին չեն ուզում մտածել, որ դա ծանր է մարդու համար և որ ես դրան չեմ դիմանա։ Հիմա մի այնպիսի տեսարան էր, որ սարսափելի բան։ Ես քեզ ասում եմ ինչպես հարազատ որդուս։ Գլխավորը, Ագլայան կարծես ծիծաղում է մոր վրա։ Այն մասին, որ նա, կարծես, մերժել է Եվգենի Պավլովիչին մոտ մի ամիս առաջ, և որ նրանք բավական պաշտոնական բացատրություն են ունեցել, հայտնել են քույրերը, իբրև կռահում... ի դեպ, հաստատ կռահում։ Բայց ախր նա մի այնպիսի ինքնասածի ու ֆանտաստիկ արարած է, որ պատմել չի լինի։ Բոլոր մեծահոգությունները, սրտի և մտքի բոլոր փայլուն հատկությունները, այդ բոլորը, թերևս, կա նրա մեջ, բայց ընդսմին, քմայքներ, ծաղր, մի խոսքով, դիվային բնավորություն է և ի լրումն ֆանտազիաներով է։ Մոր վրա հիմա ծիծաղեց, նրա երեսին, քույրերի վրա, իշխան Շչ-ի վրա, իմ մասին խոսելու կարիք էլ չկա, հազվադեպ է, որ ինձ վրա չի ծիծաղում, և, թվում է, դրա համար այդ դիվուկը առանձնապես սիրում է ինձ, այսինքն, թվում է, մյուսներից ավելի։ Գրազ կգամ, որ նա արդեն որևէ հարցում քեզ վրա էլ է ծիծաղել։ Ես ձեզ հիմա գտա իրար հետ զրուցելիս քիչ առաջ վերևում տեղի ունեցած փոթորկից հետո, նա քեզ հետ այնպես էր նստած, կարծես ոչինչ պատահած չլիներ։
 +
 +
Իշխանը սաստիկ կարմրեց և սեղմեց աջ ձեռքը, բայց լռեց։
 +
 +
— Իմ սիրելի, բարի Լև Նիկոլաևիչ,— զգացված ու տաք-տաք հանկարծ ասաց գեներալը,— ես... և նույնիսկ Լիզավետա Պրոկոֆևնան ինքը (որը, ի դեպ, նորից է սկսել քեզ ներկել և քեզ համար ինձ էլ, միայն չեմ հասկանում, թե պատճառն ինչ է), մենք այնուամենայնիվ քեզ սիրում ենք, սիրում ենք անկեղծ և հարգում ենք, նույնիսկ չնայած ոչ մի բանի, այսինքն՝ չնայած բոլոր արտաքին երևույթներին։ Բայց համաձայնիր, սիրելի բարեկամ, ինքդ համաձայնիր, հանկարծ ինչպիսի հանելուկ կթվա և մարդ ինչպես կվրդովվի լսելով, թե ինչպես այդ սառնարյուն դիվուկը (որովհետև նա կանգնած էր մոր առաջ ամենախորին արհամարհանքի արտահայտությամբ դեպի մեր բոլոր հարցերը, իսկ դեպի իմ հարցերը գերազանցապես, որովհետև ես, գրողը տանի, հիմարացա, խելքիս փչեց խստություն բանեցնել, որովհետև ես ընտանիքի գլուխն եմ, դե հիմարացա), այդ սառնարյուն դիվուկը հանկարծ ուղղակի հայտարարում է ծաղրանքով, որ այդ «ցնորվածը» (նա այդպես արտահայտվեց, և ինձ համար տարօրինակ է, որ նա քո բառը գործածեց. «մի՞թե, ասում է, դուք մինչև հիմա չկարողացաք գլխի ընկնել»), որ այդ ցնորվածը «իր գլուխն է մտցրել ինչ գնով ուզում է լինի ինձ ամուսնացնել իշխան Լև Նիկոլաևիչի հետ, դրա համար էլ Եվգենի Պավլովիչին մեր տնից քշում է»... այդքանն ասաց, ուրիշ ոչ մի բացատրություն չտվեց, հռհռում է իր համար, իսկ մենք բերաններս ենք բացել, նա դուռը շրխկացրեց ու դուրս եկավ։ Հետո ինձ պատմեցին քո և նրա մեջ նորերս պատահած տարօրինակ դեպքի մասին... և... լսիր, սիրելի իշխան, դու չվիրավորվող և շատ կշռադատող մարդ ես, ես դա նկատել եմ քո մեջ, բայց... մի բարկանա, աստված վկա, նա ծիծաղում է քեզ վրա։ Երեխայի պես ծիծաղում է, դրա համար էլ դու նրանից մի նեղանա, բայց դա ուղղակի այդպես է։ Բան մի կարծիր, նա ուղղակի հիմարացնում է թե քեզ, թե մեզ բոլորիս, պարապությունից։ Դե, մնաս բարով։ Դու գիտե՞ս մեր զգացմունքները։ Մեր անկեղծ զգացմունքները դեպի քեզ։ Նրանք անփոփոխ են. երբեք և ոչ մի բանում... բայց... Ես հիմա այս կողմն եմ գնալու, ցտեսություն։ Հազվադեպ եմ ես այսքան վատ վիճակում գտնվել, ինչպես հիմա եմ գտնվում... Այ քեզ ամառանո՜ց։
 +
 +
Մենակ մնալով խաչմերուկում, իշխանը շուրջը նայեց, արագ կտրեց անցավ փողոցը, մոտեցավ մի ամառանոցի լուսավորված պատուհանին, բաց արեց փոքրիկ թղթիկը, որն ամուր սեղմել էր աջ ձեռքում Իվան Ֆյոդորովիչի հետ խոսելու ամբողջ ընթացքում, և, որսալով լույսի թույլ ճառագայթը, կարդաց.
 +
 +
«Վաղը առավոտյան ժամը յոթին ես կլինեմ զբոսայգու կանաչ նստարանին և կսպասեմ ձեզ։ Ես որոշել եմ ձեզ հետ խոսել մի շատ կարևոր գործի մասին, որն ուղղակի ձեզ է վերաբերվում։
 +
 +
P. S. Հուսով եմ, ոչ ոքի ցույց չեք տա այս տոմսակը։ Թեև ամաչում եմ ձեզ այսպիսի խրատ գրելը, բայց դատեցի, որ դուք արժանի եք դրան, և գրեցի, ամոթից կարմրելով ձեր ծիծաղելի բնավորության համար։
 +
 +
PP. SS. Դա հենց այն կանաչ նստարանն է, որ ձեզ ցույց տվի այն ժամանակ։ Ամաչեցե՜ք։ Ես հարկադրված էի սա ևս հավելագրել»։
 +
 +
Տոմսակը գրված էր հապճեպ և ծալված մի կերպ, ամենից հավանական է՝ Ագլայայի պատշգամբ դուրս գալուց անմիջապես առաջ։ Վախի նմանվող աննկարագրելի հուզմունքով, իշխանը թղթիկը նորից պինդ սեղմեց ձեռքում և շտապով ետ թռավ լուսամուտից, լույսից, ինչպես վախեցած գող, բայց այդ շարժման ժամանակ հանկարծ կիպ կպավ մի պարոնի, որը հայտնվել էր ուղիղ նրա ուսերի հետևում։
 +
 +
— Ես հետևում եմ ձեզ, իշխան,— ասաց պարոնը։
 +
 +
— Այդ դո՞ւք եք, Կելլեր,— գոչեց իշխանը զարմացած։
 +
 +
— Որոնում եմ ձեզ, իշխան։ Սպասում էի ձեզ Եպանչինների ամառանոցի մոտ, հասկանալի է, չէի կարող մտնել։ Գալիս էի ձեր հետևից, երբ դուք քայլում էիք գեներալի հետ։ Ձեր տրամադրության տակ եմ, իշխան, կարգադրեցեք Կելլերին։ Պատրաստ եմ զոհաբերելու, նույնիսկ մեռնելու, եթե հարկ լինի։
 +
 +
— Բայց... ինչո՞ւ։
 +
 +
— Դե, հավանաբար մարտահրավեր կլինի։ Այդ պորուչիկ Սոլովցևը, ես նրան գիտեմ, այսինքն՝ ոչ անձնապես... նա կուլ չի տա վիրավորանքը։ Մեր ախպորը, այսինքն՝ ինձ ու Ռոգոժինին, նա, հասկանալի է, հակված է տականք համարելու, և, գուցե, ըստ արժանվույն, այդպիսով պատասխանատու եք մնում միայն դուք։ Ստիպված կլինեք վճարել շշերի համար, իշխան։ Նա ձեր մասին հարցուփորձ էր անում, ես լսեցի, և հավանաբար վաղը նրա բարեկամը կբարեհաճի ձեզ մոտ, իսկ գուցե և հիմա էլ սպասում է։ Եթե մարտավկա ընտրելու պատվին արժանացնեք, ապա ձեզ համար պատրաստ եմ և զինվոր ընկնել։ Դրա համար էլ որոնում էի ձեզ, իշխան։
 +
 +
— Ուրեմն դուք էլ եք մենամարտի մասին խոսում,— հանկարծ հռհռաց իշխանը, ի մեծ զարմանս Կելլերի։ Նա սարսափելի հռհռում էր։ Կելլերը, որ իրոք համարյա փշերի վրա էր, մինչև որ բավարարվեց իրեն մարտավկա առաջադրելով, համարյա վիրավորվեց, տեսնելով իշխանի այդպիսի զվարթ ծիծաղը։
 +
 +
— Բայց, իշխան, դուք այն ժամանակ ձեռքերը բռնեցիք։ Ազնվազարմ մարդու համար, այն էլ հասարակության ներկայությամբ, դժվար է դրան դիմանալը։
 +
 +
— Իսկ նա իմ կրծքին բոթեց,— ծիծաղելով գոչեց իշխանը,— մենք կռվելու բան չունենք։ Ես նրանից ներողություն կխնդրեմ, պրծավ գնաց։ Իսկ եթե մենամարտել է, թող լինի մենամարտել։ Թող կրակի, ես նույնիսկ ուզում եմ։ Հա՜-հա՜։ Ես հիմա գիտեմ ատրճանակ լցնել։ Դուք ատրճանակ լցնել իմանո՞ւմ եք, Կելլեր։ Պետք է նախ վառոդ գնել, ոչ թաց և ոչ այնքան խոշոր, որով թնդանոթ են կրակում, իսկ հետո նախ վառոդը լցնել, թաղիք ճարել որևէ տեղից՝ դռան վրայից, և հետո արդեն գնդակը ներս մղել և ոչ թե գնդակը վառոդից առաջ, որովհետև չի կրակի։ Լսո՞ւմ եք, Կելլեր, որովհետև չի կրակի։ Հա՜-հա՜։ Մի՞թե դա ամենասքանչելի պատճառաբանությունը չէ, եղբայր Կելլեր։ Ախ, Կելլեր, գիտե՞ք, որ ես հիմա ձեզ կգրկեմ ու կհամբուրեմ։ Հա՜-հա՜-հա՜։ Ինչպե՞ս այն ժամանակ դուք հանկարծ հայտնվեցիք նրա առաջ։ Շուտով մի անգամ եկեք ինձ մոտ շամպայն խմենք. բոլորս խմենք, հարբենք։ Գիտե՞ք, որ Լեբեդևի նկուղում տասներկու շիշ շամպայն ունեմ։ Լեբեդևը ինձ «դիպվածով» ծախեց երեք օր առաջ, նրա մոտ փոխադրվելու հաջորդ օրը, ես էլ բոլորը գնեցի։ Ես ամբողջ խումբը կհավաքեմ։ Իսկ ի՞նչ, դուք այս գիշեր քնելո՞ւ եք։
 +
 +
— Ինչպես ամեն գիշեր, իշխան։
 +
 +
— Դե, ուրեմն հանգիստ երազներ։ Հա՜-հա՜։
 +
 +
Իշխանը ճանապարհը կտրեց անցավ և չքացավ զբոսայգում, մտածմունքի մեջ թողնելով մի քիչ տարակուսած Կելլերին։ Նա իշխանին դեռ չէր տեսել այդպիսի տարօրինակ տրամադրության մեջ, և մինչև հիմա չէր էլ կարող պատկերացնել։
 +
 +
«Երևի տենդ ունի, որովհետև ջղային մարդ է, և այդ բոլորն ազդել է, բայց, իհարկե, չի վախենա։ Հենց սրանք են, որ չեն վախենում, աստված վկա,— ինքն իր մեջ մտածում էր Կելլերը։ Հը՛մ, շամպա՜յն։ Բայց հետաքրքիր լուր է։ Տասներկու շիշ, մի դյուժին, ոչինչ, կարգին կայազոր է։ Բայց գրազ կգամ, որ Լեբեդևը որևէ մեկից գրավականով է վերցրել այդ շամպայնը։ Հը՛մ... բայց բավական հաճելին է նա, այդ իշխանը, իսկապես, ես սիրում եմ այդպիսիներին, սակայն կարիք չկա ժամանակ կորցնելու և... եթե շամպայն է, ապա հենց իսկական ժամանակն է...»։
 +
 +
Որ իշխանը կարծես տենդի մեջ լիներ, դա, իհարկե, իրավացի էր։ Նա երկար թափառում էր մութ զբոսայգում և, վերջապես, «իրեն գտավ» մի ծառուղում զբոսնելիս։ Նրա գիտակցության մեջ մնացել էր այն հիշողությունը, որ այդ ծառուղով, սկսած նստարանից մինչև բարձր ու նկատելի հինավուրց ծառը, ընդամենը մոտ հարյուր քայլ, նա արդեն երեսուն կամ քառասուն անգամ անցել էր ետ ու առաջ։ Հիշել, թե առնվազն մի ամբողջ ժամ ինչ էր մտածում զբոսայգում, նա ոչ մի կերպ չէր կարողանա, եթե անգամ ուզենար։ Սակայն նա իրեն բռնեց մի մտքի վրա, որից հանկարծ ծիծաղից թուլացավ. թեև ծիծաղելու բան էլ չկար, բայց նա շարունակ ուզում էր ծիծաղել։ Նա պատկերացրեց, որ մենամարտի ենթադրությունը կարող էր ծնվել ոչ միայն Կելլերի գլխում, և որ, հետևաբար, պատմությունն այն մասին, թե ատրճանակն ինչպես են լցնում, կարող է և պատահական չլինել... «Վա՛հ,— կանգ առավ նա հանկարծ մի այլ մտքից պայծառացած,— քիչ առաջ նա պատշգամբ իշավ, երբ ես նստած էի անկյունում, և սաստիկ զարմացավ ինձ այնտեղ գտնելով և այնպես ծիծաղում էր... թեյի մասին սկսեց խոսել, բայց ախր այդ ժամանակ արդեն այս թղթիկը նրա ձեռքում էր, նշանակում է, նա հաստատ գիտեր, որ ես նստած եմ պատշգամբում, էլ ինչո՞ւ զարմացավ։ Հա՜-հա՜-հա՜»։
 +
 +
Նա տոմսակը կորզեց գրպանից ու համբուրեց, բայց իսկույն կանգ առավ ու մտածմունքի մեջ ընկավ։
 +
 +
«Ինչ տարօրինա՜կ է։ Ինչ տարօրինա՜կ է»,— ասաց նա մի րոպե անց նույնիսկ մի տեսակ թախծոտ. ուրախություն զգալու ուժեղ րոպեներին նրան միշտ թախիծն էր պատում, ինքն էլ չգիտեր, թե ինչու։ Նա ուշադիր նայեց շուրջը և ինքն էլ զարմացավ, որ մտել է այստեղ։ Նա շատ էր հոգնել, մոտեցավ նստարանին ու նստեց։ Շուրջն արտակարգ լուռ էր։ Կայարանում արդեն երաժշտությունը վերջացել էր։ Զբոսայգում գուցե արգեն ոչ ոք չկար, իհարկե, ժամը տասնմեկ և կեսից պակաս չէր։ Խաղաղ, տաք, լուսավոր գիշեր էր, հունիսի սկզբի պետերբուրգյան գիշեր, բայց թավ, ստվերախիտ զբոսայգում, այն ծառուղում, որտեղ նա գտնվում էր, արդեն գրեթե բոլորովին մութն էր։
 +
 +
Եթե մեկնումեկն այդ րոպեին նրան ասեր, որ նա սիրահարվել է, սիրահարված է կրքոտ սիրով, նա զարմացած գուցե նաև զայրացած կժխտեր այդ միտքը։ Եվ եթե մեկնումեկը դրան ավելացներ, թե Ագլայայի տոմսակը սիրային տոմսակ է, սիրային տեսակցության նշանակում, ապա նա այդ մարդու փոխարեն ամոթից կմեռներ և, կարող է պատահել, նրան մենամարտի կանչեր։ Այդ ամենը միանգամայն անկեղծ էր, և նա ոչ մի անգամ կասկած չտարավ և թույլ չտվեց ոչ մի «երկակի» միտք, թե հնարավոր է այդ աղջկա սերը դեպի ինքը կամ նույնիսկ թե հնարավոր է իր սերը դեպի այդ աղջիկը։ Սիրո հնարավորությունը դեպի ինքը, դեպի «այնպիսի մարդը, ինչպիսին ինքն է», նա հրեշավոր բան կհամարեր։ Նրան թվում էր, որ դա Ագլայայի կողմից ուղղակի չարաճճիություն է, եթե իրոք այստեղ որևէ բան կա, բայց նա մի տեսակ շատ անտարբեր էր դեպի բուն չարաճճիությունը և դա համարում էր ավելի քան բնական, իսկ ինքը մտահոգված և զբաղված էր բոլորովին այլ բանով։ Հուզված գեներալի բերանից քիչ առաջ դուրս թռած այն խոսքերին, թե Ագլայան բոլորի վրա ծիծաղում է, իսկ նրա, իշխանի վրա առանձնապես, նա լիովին հավատաց։ Ընդսմին նա նվազագույն իսկ վիրավորանք չզգաց, նրա կարծիքով հենց այդպես էլ պետք է լիներ։ Նրա համար գլխավորապես ամբողջ բանն այն էր, որ ինքը վաղը նորից կտեսնի նրան, առավոտյան վաղ, նրա կողքին կնստի կանաչ նստարանին, կլսի, թե ինչպես են լցնում ատրճանակը, և կնայի նրան։ Նրան էլ ուրիշ ոչինչ պետք չէր։ Մեկ թե երկու անգամ նրա մտքով անցավ նաև այն հարցը, թե արդյոք ի՞նչ է մտադիր Ագլայան ասել նրան, և ուղղակի իրեն վերաբերող այդ ի՞նչ կարևոր գործ է։ Եվ այլևս նա ոչ մի րոպե չկասկածեց, որ իրոք գոյություն ունի այդ «կարևոր գործը», որի համար իրեն կանչում են, բայց հիմա գրեթե բոլորովին չէր մտածում այդ կարևոր գործի մասին, այն աստիճան, որ դրա մասին մտածելու ամենափոքր իսկ մղում չէր զգում։
 +
 +
Ավազի վրա կամացուկ քայլերի ճռճռոցը նրան հարկադրեց գլուխը բարձրացնել։ Մի մարդ, որի դեմքը դժվար էր ջոկել մթության մեջ, մոտեցավ նստարանին և նստեց իշխանի կողքին։ Իշխանն արագ մոտեցավ նրան, գրեթե ընդհուպ, և ճանաչեց Ռոգոժինի գունատ դեմքը։
 +
 +
— Այդպես էլ դիտեի, որ այստեղերք թափառելիս կլինես, այնպես որ երկար չփնտրեցի,— ատամների արանքից մրթմրթաց Ռոգոժինը։
 +
 +
Առաջին անգամ էին տեսնվում նրանք պանդոկի միջանցքի հանդիպումից հետո։ Ռոգոժինի անակնկալ հայտնվելուց զարմացած, իշխանը միառժամանակ չէր կարողանում մտքերը ժողովել, և տանջալից զգացումը նորից հարություն առավ նրա սրտում։ Ռոգոժինն, ըստ երևույթին, հասկանում էր իր թողած տպավորությունը, ու թեև նա սկզբում շփոթվում էր, խոսում էր կարծես թե ինչ-որ սերտած սանձարձակությամբ, բայց իշխանին շուտով թվաց, որ նրանում ոչ մի սերտած բան, և նույնիսկ ոչ մի առանձին շփոթմունք չկար, եթե նրա շարժուձևի և խոսակցության մեջ որևէ անհարմարություն զգացվում էր, ապա դա միայն արտաքուստ էր, հոգու խորքում այդ մարդը չէր կարող փոխվել։
 +
 +
— Դու ինձ․․․ ինչպե՞ս գտար այստեղ,— հարցրեց իշխանը, մի բան ասած լինելու համար։
 +
 +
— Կելլերից իմացա (ես քեզ մոտ էի գնացել), «զբոսայգի է գնացել», ասաց. է, մտածում եմ, այդպես է որ կա։
 +
 +
— Ի՞նչը «կա»,— տագնապած որսաց իշխանը դուրս թռած բառը։
 +
 +
Ռոգոժինը քմծիծաղ տվեց, բայց բացատրություն չտվեց։
 +
 +
— Ես քո նամակն ստացա, Լև Նիկոլաևիչ, այդ ամենը դու զուր ես... և ի՞նչ հավաս... իսկ հիմա քեզ մոտ եմ եկել ''նրա'' կողմից. անպայման պատվիրում է քեզ կանչել, շատ է ուզում քեզ մի բան ասել։ Հենց այսօր էլ խնդրել է։
 +
 +
— Ես վաղը կգամ։ Հիմա ես տուն եմ գնում, դու․․․ ինձ մո՞տ ես գալիս։
 +
 +
— Ինչո՞ւ։ Ես քեզ ամեն ինչ ասացի. մնաս բարով։
 +
 +
— Մի՞թե չես անցնի,— կամացուկ հարցրեց իշխանը։
 +
 +
— Զարմանալի մարդ ես դու, Լև Նիկոլաևիչ, քեզ վրա զարմանալ է պետք։
 +
 +
Ռոգոժինը ծիծաղեց խայթող ծիծաղով։
 +
 +
— Ինչո՞ւ։ Իմ նկատմամբ այդ չարությունը քո մեջ հիմա ինչի՞ց է,— տխուր ու տաք-տաք վրա բերեց իշխանը։— Չէ որ հիմա ինքդ էլ գիտես, որ քո բոլոր մտածածները ճիշտ չեն։ Բայց ասենք, ես գիտեի, որ իմ նկատմամբ քո չարությունը մինչև հիմա չի անցել, և գիտե՞ս ինչու։ Որովհետև հենց ինքդ ոտնձգություն արիր իմ դեմ, դրանից էլ չարությունդ չի անցնում։ Քեզ ասում եմ, հիշում եմ միայն այն Պարֆեն Ռոգոժինին, որի հետ այն օրը խաչերով եղբայրացա. երեկվա նամակում նրա համար էի գրել, որ դու մոռանայիր այդ ամբողջ զառանցանքը և ինձ հետ չսկսեիր խոսել դրա մասին։ Ինչո՞ւ ես խուսափում ինձանից, ինչո՞ւ ևս ձեռքդ ինձնից թաքցնում։ Քեզ ասում եմ, որ այն ժամանակ ինչ որ եղավ, բոլորը զառանցանքի, միայն զառանցանքի տեղ եմ դնում. այն ամբողջ օրվա ընթացքում քեզ հիմա անգիր գիտեմ, ինչպես ինքս ինձ։ Այն, ինչ դու երևակայում էիր, գոյություն չուներ և չէր կարող ունենալ։ Էլ ինչո՞ւ պիտի մեր չարությունը գոյություն ունենա։
 +
 +
— Դու ի՞նչ չարություն պիտի ունենաս,— դարձյալ ծիծաղեց Ռոգսժինը ի պատասխան իշխանի անակնկալ, ջերմ խոսքերի։ Նա իրոք կանգնած էր, խուսափելով իշխանից, մի երկու քայլ ետ քաշված և ձեռները թաքցնելով։— Հիմա ես բոլորովին չեմ գալու քեզ մոտ, Լև Նիկոլաևիչ,— դանդաղ և խրատական եզրափակեց նա։
 +
 +
— Այդ աստիճա՞ն ինձ ատում ես, թե ինչ։
 +
 +
— Ես քեզ չեմ սիրում, Լև Նիկոլաևիչ, էլ ինչո՞ւ պիտի քեզ մոտ գամ։ Էխ, իշխան, կարծես իսկական երեխա լինես, սիրտդ խաղալիք է ուզել, հանիր ու տուր, իսկ գործը չես հասկանում։ Այդ բոլորը ճիշտ այդպես գրել էիր նամակումդ, ինչ որ հիմա ասում ես, մի՞թե ես քեզ չեմ հավատում։ Քո ամեն մի խոսքին հավատում եմ և գիտեմ, որ դու ինձ երբեք չես խաբել և սրանից հետո էլ չես խաբի, բայց համենայն դեպս քեզ չեմ սիրում։ Դու ահա գրում ես, թե ամեն ինչ մոռացել ես և միայն խաչի եղբայր Ռոգոժինին ես հիշում, և ոչ թե այն Ռոգոժինին, որն այն ժամանակ քեզ վրա դանակ բարձրացրեց։ Բայց իմ զգացմունքնե՞րը որտեղից գիտես (Ռոգոժինը նորից քմծիծաղ տվեց)։ Գուցե ես այն ժամանակվանից ոչ մի անգամ էլ չեմ զղջացել, իսկ դու արդեն քո եղբայրական ներումն ես ուղարկել ինձ։ Գուցե հենց նույն երեկո ես արդեն ուրիշ բան էի մտածում, իսկ դրա մասին...
 +
 +
— Նույնիսկ մոռացել էիր մտածել,— վրա բերեց իշխանը,— դե իհարկե։ Եվ գրազ կգամ, որ դու այն ժամանակ ուղղակի դնացք նստեցիր ու այստեղ Պավլովսկ գլորվեցիր, երաժշտության, և այսօրվա պես ամբոխի մեջ փնտրում ու հետևում էիր նրան։ Ա՜յ թե զարմացնելու բան գտար։ Դե եթե դու այն ժամանակ այնպիսի վիճակում լինեիր, որ ընդունակ էիր միմիայն մի բանի մասին մտածել, կարող է պատահել, դանակ էլ չէիր բարձրացնի վրաս։ Ես այն ժամանակ դեռ առավոտվանից նախազգում էի, քեզ տեսնելով. գիտե՞ս թե այն ժամանակ ինչպիսին էիր դու։ Հենց որ խաչերս փոխանակեցինք, գուցե հենց այդ ժամանակ իմ մեջ խլրտաց այդ միտքը։ Այն ժամանակ ինձ ինչո՞ւ պառավի մոտ տարար։ Դրանով մտածում էիր զսպե՞լ քո ձեռքը։ Եվ չի կարող պատահել, որ մտածեիր, այլ միայն զգացիր, ինչպես և ես... Մենք այն ժամանակ միանման զգացինք։ Եթե այն ժամանակ ձեռքդ չբարձրացնեիր ինձ վրա (որն աստված ետ մղեց), հիմա ես ի՞նչ կլինեի քո առաջ։ Չէ՞ որ միևնույն է, ես դրանում կասկածում էի քեզ, մեր մեղքը նույնն էր, միանման։ (Մի՛ խոժոռվիր։ Եվ ինչո՞ւ ես ծիծաղում)։ «Չե՛մ զղջացել»։ Բայց եթե նույնիսկ ուզենայիր, գուցե և չկարողանայիր զղջալ, որովհետև, ի լրումն, չես էլ սիրում ինձ։ Եվ եթե նույնիսկ քո առաջ հրեշտակի պես անմեղ լինեի, դու, միևնույն է, ինձ տանել չես կարողանա, քանի մտածես, որ նա ոչ թե քեզ, այլ ինձ է սիրում։ Ահա և նշանակում է, որ դա խանդ է։ Միայն թե այս շաբաթ ահա թե ինչ եմ մտածել, Պարֆեն, և կասեմ քեզ, արդյոք գիտե՞ս, որ հիմա նա քեզ գուցե բոլորից ավելի է սիրում, և նույնիսկ այնպես, որ որքան ավելի է տանջում, այնքան ավելի է սիրում։ Նա այդ բանը քեզ չի ասի, բայց պետք է տեսնել կարողանալ։ Վերջ ի վերջո նա ինչո՞ւ է այնուամենայնիվ քեզ հետ ամուսնանում։ Երբևէ կասի դա հենց քեզ։ Որոշ կանայք նույնիսկ ուզում են, որ իրենց այդպես սիրեն, իսկ նա հենց այդպիսի բնավորություն ունի։ Իսկ քո բնավորությունը և քո սերը պետք է որ նրա սրտին շատ բան ասեն։ Արդյոք գիտե՞ս, որ կինն ընդունակ է մարդու տանջամահ անել դաժանություններով ու ծաղրանքներով և ոչ մի անգամ խղճի խայթ չի զգա, որովհետև ամեն անգամ քեզ նայելով ինքն իրեն կմտածի. «Ահա ես հիմա նրան մահու աստիճան կտանջեմ, բայց դրա փոխարեն հետո սիրովս կհատուցեմ...»։
 +
 +
Ռոգոժինը հռհռաց՝ իշխանին լսելով։
 +
 +
— Ի՞նչ է, իշխան, հո պատահմամբ ինքդ էլ այդպիսի կնոջ չե՞ս հանդիպել։ Ես որոշ բաներ իմացել եմ քո մասին, եթե ճիշտ է։
 +
 +
— Ի՞նչ, ի՞նչ կարող էիր լսած լինել,— հանկարծ ցնցվեց իշխանը և կանգ առավ սաստիկ շփոթված։
 +
 +
Ռոգոժինը շարունակում էր ծիծաղել։ Նա ոչ առանց հետաքրքրության և, գուցե, ոչ առանց բավականության լսեց իշխանի ասածները. իշխանի զվարթ ու ջերմ հափշտակությունը նրան զարմացրեց ու գոտեպնդեց։
 +
 +
— Ոչ միայն լսել եմ, այլ ինքս էլ հիմա տեսնում եմ, որ ճիշտ է,— ավելացրեց նա,— ե՞րբ ես դու այնպես խոսել, ինչպես հիմա։ Ախր այսպիսի խոսակցությունը կարծես քեզանից չլինի։ Քո մասին այդպիսի բան լսած չլինեի, չէի գա այստեղ, և այն էլ զբոսայգի, կեսգիշերին։
 +
 +
— Ես քեզ բոլորովին չեմ հասկանում, Պարֆեն Սեմյոնովիչ։
 +
 +
— Նաստասյա Ֆիլիպովնան ինձ վաղուց էր բացատրել քո մասին, իսկ հիմա քիչ առաջ ես ինքս տեսա, թե երաժշտության հրապարակում ինչպես էիր նստել այն մեկի հետ։ Երդվում էր ինձ, երեկ ու այսօր երդվում էր, որ դու կատվի պես սիրահարված ես Ագլայա Եպանչինային։ Դա ինձ համար միևնույն է, իշխան, և իմ գործը չէ։ Եթե դու նրան դադարել ես սիրելուց, ապա նա դեռ չի դադարել քեզ սիրելուց։ Դու ախր գիտես, որ Նաստասյա Ֆիլիպովնան ուզում է քեզ անպայման ամուսնացնել այն մեկի հետ, այդպիսի խոսք է տվել, հի՜-հի՜։ Ինձ ասում է. «Առանց դրա քեզ հետ չեմ ամուսնանա, նրանք եկեղեզի գնան, մենք էլ եկեղեցի կգնանք»։ Թե ինչ կա այստեղ, հասկանալ չեմ կարող և ոչ մի անգամ չեմ հասկացել. կամ սիրում է քեզ անսահման, կամ... եթե սիրում է, այդ ինչպե՞ս է ուզում քեզ ուրիշի հետ ամուսնացնել։ Ասում է. «Ուզում եմ նրան երջանիկ տեսնել», ուրեմն, նշանակում է, սիրում է։
 +
 +
— Ես քեզ ասում էի և գրել էի, որ նա... խելքը գլխին չէ,— ասաց իշխանը, տանջանքով լսելով Ռոգոժինի ասածները։
 +
 +
— Աստվա՜ծ գիտի։ Գուցե և դու սխալվել ես... այսօր նա, ի դեպ, ինձ օր նշանակեց, երբ երաժշտությունից տարա նրան, երեք շաբաթ հետո, գուցե և ավելի շուտ, ասում է, կպսակվենք. երդվեց, սրբապատկերը հանեց, համբուրեց։ Նշանակում է, բանը հիմա քեզանից է կախված, իշխան, հի՜, հի՜։
 +
 +
— Այդ բոլորը զառանցանք է։ Ինչ որ իմ մասին ես ասում, երբեք, երբեք չի լինի։ Վաղը ես ձեզ մոտ կգամ...
 +
 +
— Էլ ի՞նչ խելագար,— նկատեց Ռոգոժինը,— ինչպե՞ս է, որ նա մնացած բոլորի համար խելքը գլխին է, իսկ միայն քեզ համար խելագար է։ Բա ինչպե՞ս է նամակներ գրում այնտեղ։ Եթե խելագար է, ապա այնտեղ էլ նամակներից կնկատեին։
 +
 +
— Ի՞նչ նամակներ,— վախեցած հարցրեց իշխանը։
 +
 +
— Այնտեղ է գրում, ''այն մեկին'', իսկ նա կարդում է։ Մի՞թե չգիտես։ Դե, կիմանաս, հավանաբար նա ինքը քեզ ցույց կտա։
 +
 +
— Դրան հավատա՜լ չի կարելի,— գոչեց իշխանը։
 +
 +
— Էխ։ Դու, Լև Նիկոլաևիչ, երևում է դեռ քիչ ես անցել այդ ճամփան, ինչքան տեսնում եմ, այլ միայն նոր ես սկսում։ Սպասիր մի քիչ, սեփական ոստիկանություն կպահես, ինքդ գիշեր-ցերեկ կհերթապահես և այնտեղի ամեն մի քայլը կիմանաս, թե որ...
 +
 +
— Թող, և այդ մասին երրեք մի խոսի,— գոչեց իշխանը։— Լսիր, Պարֆեն, ահա ես հիմա քեզանից առաջ այստեղ շրջում էի և հանկարծ սկսեցի ծիծաղել, թե ինչու՝ չգիտեմ, բայց միայն պատճառն այն է, որ մտաբերեցի, որ վաղվա օրը կարծես դիտմամբ իմ ծննդյան օրն է գալիս։ Հիմա համարյա ժամը տասներկուսն է։ Գնանք դիմավորենք օրը։ Ես գինի ունեմ, գինի խմենք, ինձ ցանկացիր այն, ինչ որ ես ինքս էլ հիմա չգիտեմ, թե ինչ ցանկանամ, և հենց դո՛ւ ցանկացիր, իսկ ես քեզ քո լիակատար երջանկությունն եմ ցանկանում։ Իսկ եթե ոչ, ետ տուր խաչս։ Չէ՞ որ հաջորդ օրը ետ չուղարկեցիր։ Չէ՞ որ վզիդ է։ Հիմա՞ էլ վզիդ է։
 +
 +
— Վզիս է,— ասաց Ռոգոժինը։
 +
 +
— Դե ուրեմն գնանք։ Ես առանց քեզ չեմ ուզում սկսել իմ նոր կյանքը։ Դու չգիտե՞ս, Պարֆեն, որ իմ նոր կյանքն այսօր սկսվեց։
 +
 +
— Հիմա ինքս եմ տեսնում և ինքս գիտեմ, որ սկսվել է. այդպես էլ կհաղորդեմ ''նրան''։ Բոլորովին քեզ կորցրել ես, Լև Նիկոլաևիչ։
 +
 +
=== IV ===
 +
 +
Ռոգոժինի հետ իր ամառանոցին մոտենալով, իշխանը սաստիկ զարմանքով նկատեց, որ իր պայծառ լուսավորված պատշգամբում հավաքվել է աղմկալի ու բազմաթիվ հասարակություն։ Ուրախ խումբը հռհռում էր, աղմկում, կարծես նույնիսկ վիճում էին բղավոցի հասցնելով։ Առաջին հայացքից կարելի էր ենթադրել շատ ուրախ ժամանց է։ Եվ իրոք, պատշգամբ բարձրանալով նա տեսավ, որ բոլորը խմում էին, և խմում էին շամպայն, և, կարծես, արդեն բավական վաղուց, այնպես որ քեֆ անողներից շատերը հասցրել էին բավական հաճելի ոգեշնչվել։ Հյուրերը բոլորը իշխանի ծանոթներն էին, բայց տարօրինակ էր, որ նրանք բոլորը հավաքվել էին միանգամից, կարծես հրավերով, թեև իշխանը ոչ ոքի չէր հրավիրել, իսկ իր ծննդյան օրվա մասին ինքն էլ հենց նոր էր հիշել հանկարծ։
 +
 +
— Երևի մեկին ասել ես, թե շամպայն կհանես մեջտեղ, ահա և հավաքվել են,— մրթմրթաց Ռոգոժինը իշխանի հետևից պատշգամբ բարձրանալով.— մենք էդ կետը լավ գիտենք, նրանց միայն շվվացրու...— ավելացրեց նա գրեթե չարությամբ, իհարկե մտաբերելով իր ոչ հեռու անցյալը։ Բոլորն իշխանին դիմավորեցին աղաղակներով ու բարի ցանկություններով, շրջապատեցին նրան։ Ոմանք շատ աղմկոտ էին, մյուսները շատ ավելի հանդարտ, բայց բոլորն շտապում էին շնորհավորել, լսելով ծննդյան օրվա մասին, և յուրաքանչյուրն սպասում էր իր հերթին։ Մի քանիսի ներկայությունը հետաքրքրեց իշխանին, օրինակ՝ Բուրդովսկու։ Բայց ամենազարմանալին այն էր, որ հանկարծ այդ խմբում էր հայտնվել նաև Եվգենի Պավլովիչը։ Իշխանը գրեթե հավատալ չէր ուզում և քիչ մնաց վախենար, նրան տեսնելով։
 +
 +
Այդ միջոցին Լեբեդևը՝ կարմրատակած ու համարյա հրճվագին, մոտ վազեց բացատրության, նա արդեն լավ ''քեֆը տեղն'' էր։ Նրա շաղակրատանքից պարզվեց, որ բոլորը հավաքվել են բոլորովին բնականորեն և նույնիսկ պատահական։ Ամենից առաջ, դեռ իրիկուն չեղած, եկել է Իպոլիտը և, իրեն անհամեմատ լավ զգալով, ցանկացել է պատշգամբում սպասել իշխանին։ Նա տեղավորվել էր բազմոցին. հետո նրա մոտ է եկել Լեբեդևը, ապա նրա ամբողջ ընտանիքը, այսինքն՝ գեներալ Իվոլգինը և աղջիկները։ Բուրդովսկին եկել էր Իպոլիտի հետ, ուղեկցելով նրան։ Գանյան և Պտիցինը մտել էին, կարծես թե, քիչ առաջ, ամառանոցի մոտով անցնելիս (նրանց հայտնվելը զուգադիպում էր կայարանի իրադարձության հետ), ապա հայտնվել էր Կելլերը, հայտարարել ծննդյան օրվա մասին և շամպայն պահանջել։ Եվգենի Պավլովիչը եկել էր ընդամենը կես ժամ առաջ։ Շամպայնի և տոնակատարություն սարքելու մասին ամբողջ ուժով պնդում էր նաև Կոլյան։ Լեբեդևը պատրաստակամությամբ մատուցել էր գինին։
 +
 +
— Բայց իմը, ի՜մը,— թոթովում էր նա իշխանի առաջ,— սեփական խնամքիս տակ առա, որպեսզի փառաբանենք ու շնորհավորենք. հյուրասիրություն էլ կլինի, խորտիկներ էլ կլինեն, դրա մասին էլ աղջիկս հոգ է տանում. բայց, իշխան, եթե իմանայիք, թե ինչ թեմա է պտտվում։ Հիշո՞ւմ եք Համլետը .«Լինե՞լ թե չլինել»։ Ժամանակակից թեմա է, ժամանակակից։ Հարցեր ու պատասխաններ... Եվ պարոն Տերենտևը վերին աստիճանի... չի ուզում քնել։ Իսկ շամպայնը նա միայն կում է արել, կում է արել, վնաս չի տա։ Մոտեցեք, իշխան, և որոշեցեք։ Բոլորը ձեզ էին սպասում, բոլորը հենց միայն սպասում էին ձեր երջանիկ խելքին...
 +
 +
Իշխանը նկատեց սիրուն, փաղաքուշ հայացքը Վերա Լեբեդևայի, որը նույնպես շտապում էր ամբոխի միջից նրա մոտ հասնել։ Բոլորի միջով իշխանն առաջինը նրան պարզեց ձեռքը, աղջիկը բավականությունից բռնկվեց և իշխանին ցանկացավ «երջանիկ կյանք ''հենց այս օրվանից''»։ Ապա սրընթաց վազեց խոհանոց, այնտեղ նա խորտիկներ էր պատրաստում, բայց մինչև իշխանի գալն էլ, հենց որ մի րոպե կարողանում էր գործից կտրվել, գալիս էր պատշգամբ և ամբողջ ուշադրությամբ լսում էր իր համար ամենատարօրինակ և վերացական բաների մասին տաք վիճաբանություններ, որոնք չէին լռում խմած հյուրերի մեջ։ Նրա փոքր Քույրը քնել էր հաջորդ սենյակում, սնդուկի վրա, բայց տղան, Լեբեդևի որդին, կանգնել էր Կոլյայի ու Իպոլիտի մոտ, և միայն նրա ոգևորված դեմքի արտահայտությունը ցույց էր տալիս, որ նա պատրաստ է այստեղ կանգնած մնալ նույն տեղում, թեկուզ էլի մի տասը ժամ շարունակ։
 +
 +
— Ես ձեզ հատկապես սպասում էի և սաստիկ ուրախ եմ, որ եկաք այդպես երջանիկ,— ասաց Իպոլիտը, երբ իշխանը, Վերայից անմիջապես հետո մոտեցավ նրա ձեոքը սեղմելու։
 +
 +
— Իսկ ինչի՞ց գիտեք, որ ես «այսպես երջանիկ» եմ։
 +
 +
— Դեմքից է երևում։ Բարևեցեք պարոններին և շուտ նստեցեք այստեղ մեզ մոտ։ Ես ձեզ հատկապես սպասում էի,— ավելացրեց նա, նշանակալից շեշտելով, որ ինքը սպասում էր։ Իշխանի այն դիտողությանը, թե «չի՞ վնասի նրան այսքան ուշ նստելը»,— նա պատասխանեց, որ ինքն իր վրա զարմանում է, թե ինչպե՞ս երեք օր առաջ ուզում էր մեռնել, և որ երբեք իրեն ավելի լավ չի զգացել, քան այս երեկո։
 +
 +
Բուրդովսկին վեր թռավ և մրթմրթաց, որ ինքը «այնպես...», որ Իպոլիտի հետ է եկել, «ուղեկցել է», և որ նույնպես ուրախ է, որ նամակում ինքը գրել է ցնդաբանություն, իսկ հիմա «ուղղակի ուրախ է...»։ Խոսքը կիսատ թողնելով, նա ամուր սեղմեց իշխանի ձեռքը և նստեց աթոռին։
 +
 +
Ամենից վերջը իշխանը մոտեցավ Եվգենի Պավլովիչին։ Նա անմիջապես թևանցուկ արեց իշխանին։
 +
 +
— Ես ձեզ պետք է միայն երկու խոսք ասեմ,— կիսաձայն շշնջաց նա,— և չափազանց կարևոր հանգամանքի առթիվ, հեռանանք մի րոպե։
 +
 +
— Երկու խոսք,— շշնջաց մի ուրիշ ձայն իշխանի մյուս ականջին, և մի ուրիշ ձեռք թևանցուկ արեց նրան մյուս կողմից։ Իշխանը զարմանքով նկատեց մի սարսափելի գզգզված, կարմրատակած, աչքերը քթթող ու ծիծաղող կերպարանք, հանձին որի անմիջապես ճանաչեց Ֆերդիշչենկոյին, որ աստված գիտե որտեղից էր հայտնվել։
 +
 +
— Ֆերդիշչենկոյին հիշո՞ւմ եք,— հարցրեց սա։
 +
 +
— Որտեղի՞ց հայտնվեցիք,— գոչեց իշխանը։
 +
 +
— Նա զղջում է,— բղավեց մոտ վազած Կելլերը,— նա թաքնվել էր, նա չէր ուզում ձեր աչքին երևալ, նա թաքնվել էր այնտեղ անկյունում, նա զղջում է, իշխան, նա իրեն մեղավոր է զգում։
 +
 +
— Բայց ինչո՞ւմ, ինչո՞ւմ։
 +
 +
— Այդ ե՛ս նրան հանդիպեցի, իշխան, հիմա ես հանդիպեցի նրան ու բերի. սա իմ հազվագյուտ ընկերներից է. բայց նա զղջում է։
 +
 +
— Շատ ուրախ եմ, պարոնայք, գնացեք նստեցեք այնտեղ, բոլորի մոտ, ես հիմա կգամ,— վերջապես օձիքն ազատեց իշխանը, շտապելով Եվգենի Պավլովիչի մոտ։
 +
 +
— Այստեղ ձեզ մոտ հետաքրքիր է,— նկատեց նա,— և ես բավականությամբ սպասեցի ձեզ մոտ կես ժամ։ Ահա թե ինչ, ամենասիրելի Լև Նիկոլաևիչ, ես ամեն ինչ հարթեցի Կուրմիշևի հետ և անցա ձեզ հանգստացնելու, դուք անհանգրստանալու բան չունեք, նա շատ, շատ խելամտորեն ընդունեց գործը, առավել ևս որ, իմ կարծիքով, ավելի շուտ ինքն է մեղավոր։
 +
 +
— Ի՞նչ Կուրմիշև։
 +
 +
— Դե նա, որի ձեռքերը բռնեցիք այն ժամանակ... Նա այնպես կատաղած էր, որ արդեն ուզում էր վաղը մարդ ուղարկել ձեզ մոտ բացատրությունների համար։
 +
 +
— Բավական է, ի՜նչ հիմար բան։
 +
 +
— Հարկավ հիմար բան և հավանաբար հիմար ձևով էլ կվերջանար. բայց մեզանում այդ մարդիկ...
 +
 +
— Դուք երևի մի ուրիշ բանի համար է՞լ եք եկել, Եվգենի Պավլովիչ։
 +
 +
— Օ, իհարկե, մի ուրիշ բանի համար էլ,— ծիծաղեց սա։— Ես, սիրելի իշխան, վաղը լույսը չբացված գնում եմ Պետերբուրգ այդ դժբախտ գործով (դե ահա, հորեղբորս գործով), պատկերացրեք, այդ ամենը ճիշտ է և արդեն բոլորը գիտեն, բացի ինձանից։ Դա ինձ այնպես շշմեցրեց, որ ժամանակ չունեցա անցնել ''այնտեղ'' (Եպանչինների մոտ), վաղն էլ չեմ գնա, որովհետև Պետերբուրգում կլինեմ, հասկանո՞ւմ եք։ Գուցե մի երեք օր այստեղ չեմ լինի, մի խոսքով, իմ գործերն սկսել են կաղալ։ Թեև անսահմանորեն կարևոր մի գործ չէ, բայց ես մտածեցի, որ պետք է որոշ հարցերում ամենայն անկեղծությամբ բացատրվեմ ձեզ հետ, և առանց ժամանակ կորցնելու, այսինքն՝ մինչև մեկնելս։ Ես հիմա կնստեմ ու կսպասեմ, եթե թույլ կտաք, մինչև խումբը ցրվի. համ էլ տեղ չեմ գտնում, այնպես հուզված եմ, որ քնելու էլ չեմ պառկի։ Վերջապես, թեև անխղճություն ու անվայելուչ բան է մարդուն այսպես ուղղակի հետապնդելը, բայց ձեզ ուղղակի կասեմ, ես եկել եմ գտնելու ձեր մտերմությունը, իմ սիրելի իշխան, դուք աննման մարդ եք, այսինքն՝ չեք ստում ամեն քայլափոխի, գուցե և բոլորովին չեք ստում, իսկ ինձ մի գործում հարկավոր է մտերիմ ու խորհրդատու, որովհետև ես հիմա հաստատապես դժբախտների թվին եմ պատկանում։
 +
 +
Նա նորից ծիծաղեց։
 +
 +
— Այ թե ցավը որն է,— մի րոպե մտածմունքի մեջ ընկավ իշխանը,— դուք ուզում եք սպասել, մինչև նրանք ցրվեն, բայց ախր աստված գիտի, թե երբ կլինի դա։ Ավելի լավ չէ՞ հիմա գնանք զբոսայգի, նրանք կսպասեն, ես ներողություն կխնդրեմ։
 +
 +
— Չէ-չէ՜, ես իմ պատճառներն ունեմ, որ մեզ չկասկածեն հատուկ նպատակով արտակարգ խոսակցության մեջ. այստեղ կան մարդիկ, որոնք շատ են հետաքրքրվում մեր հարաբերություններով, դուք այդ չգիտե՞ք, իշխան։ Եվ շատ ավելի լավ կլինի, եթե տեսնեն, որ առանց այն էլ ամենաընկերասիրական հարաբերությունների մեջ ենք, և ոչ թե միայն արտակարգ հարաբերությունների մեշ, հասկանո՞ւմ եք. նրանք մի երկու ժամից կցրվեն, ես ձեզնից կխլեմ մի քսան րոպե, շատ-շատ՝ կես ժամ...
 +
 +
— Ի սե՜ր աստծո, խնդրեմ. առանց բացատրությունների էլ ես շատ ուրախ եմ. մտերմական հարաբերությունների մասին ասած ձեր բարի խոսքերի համար շատ շնորհակալ եմ։ Ներեցեք, որ այսօր ցրված եմ. գիտե՞ք, այս րոպեիս մի տեսակ ոչ մի կերպ չեմ կարող ուշադիր լինել։
 +
 +
— Տեսնում եմ, տեսնում,— փնթփնթաց Եվգենի Պավլովիչը թեթև քմծիծաղով։ Նա շատ ծիծաղկոտ էր այդ երեկո։
 +
 +
— Ի՞նչ եք տեսնում,— ցնցվեց իշխանը։
 +
 +
— Դուք չեք էլ կասկածում, սիրելի իշխան,— շարունակում էր Եվգենի Պավլովիչը, չպատասխանելով ուղղակի հարցին դուք չե՞ք կասկածում, որ ես եկել եմ ձեզ ուղղակի խաբելու և կողմնակի կերպով որևէ խոսք դուրս քաշելու, հը՞։
 +
 +
— Որ եկել եք խոսք քաշելու, դրանում նույնիսկ կասկած չկա,— վերջապես ծիծաղեց իշխանն էլ,— և նույնիսկ, կարող է պատահել, դուք վճռել եք մի քիչ նաև խաբել ինձ։ Բայց ի՞նչ կա որ, ես ձեզանից չեմ վախենում. համ էլ ինձ համար հիմա կարծես թե միևնույն է, կհավատա՞ք։ Եվ... և... և քանի որ ես ամենից առաջ համոզված եմ, որ դուք այնուամենայնիվ հիանալի մարդ եք, ապա մենք, ով գիտի, իսկապես էլ ի վերջո բարեկամաբար մտերմանանք։ Դուք ինձ շատ դուր եկաք, Եվգենի Պավլովիչ, իմ կարծիքով դուք... շատ, շատ կարգին մարդ եք։
 +
 +
— Դե, համենայն դեպս, ձեզ հետ շատ հաճելի է գործ ունենալ, նույնիսկ ինչպիսի գործ ուզում է լինի,— եզրակացրեց Եվգենի Պավլովիչը,— ես ձեր կենացը մի բաժակ կխըմեմ. և շատ գոհ եմ, որ ձեզ միացա։ Ա՜,— կանգ առավ նա հանկարծ,— այդ պարոն Իպոլիտը փոխադրվել է ձեզ մո՞տ ապրելու։
 +
 +
— Այո։
 +
 +
— Կարծում եմ նա այս րոպեիս չի մեռնի, այնպես չէ՞։
 +
 +
— Իսկ ի՞նչ կա։
 +
 +
— Այնպես, ոչինչ. ես այստեղ կես ժամ նրա հետ մնացի...
 +
 +
Իպոլիտն այդ ամբողջ ժամանակ սպասում էր իշխանին և անընդհատ նայում էր նրան ու Եվգենի Պավլովիչին, երբ նրանք խոսում էին մի կողմ քաշված։ Նա տենդորեն աշխուժացավ, երբ նրանք մոտեցան սեղանին։ Նա անհանգիստ ու հուզված էր, ճակատին քրտինք էր դուրս տվել։ Նրա պսպղուն աչքերում բացի թափառող, մշտական անհանգստությունից, արտահայտվում էր նաև ինչ-որ անորոշ անհամբերություն. նրա հայացքը աննպատակ անցնում էր առարկայից առարկա, մի դեմքից մյուսին։ Թեև ընդհանուր աղմկալի խոսակցությանը մինչև հիմա նա մեծ մասնակցություն ուներ, բայց նրա ոգևորությունը միայն տենդային էր. բուն խոսակցությանը նա անուշադիր էր. նրա վիճաբանությունն անկապ էր, ծաղրական ու անփութորեն պարադոքսային, նա անավարտ էր թողնում և դադարում խոսելուց այն մասին, ինչ մի րոպե առաջ ինքն էր սկսում տենդոտ խանդավառությամբ։ Իշխանը զարմանքով ու ափսոսանքով իմացավ, որ այդ երեկո նրան անարգել թույլ էին ավել երկու լիք բաժակ շամպայն խմել և որ նրա առջևի սկսած բաժակը արդեն երրորդն էր։ Բայց նա հետո միայն իմացավ դա. իսկ այս րոպեիս այնքան էլ ուշադիր չէր։
 +
 +
— Իսկ գիտե՞ք, որ ես անչափ ուրախ եմ, որ հենց այսօր է ձեր ծննդյան օրը,— բղավեց Իպոլիտը։
 +
 +
— Ինչո՞ւ։
 +
 +
— Կտեսնեք. շուտ արեք, նստեցեք, նախ և առաջ հենց նրա համար, որ հավաքվել են ձեր այս բոլոր... մարդիկ։ Ես այդպես էլ հույս ունեի, որ մարդիկ կլինեն, կյանքումս առաջին անգամ է հույսս արդարանում։ Բայց ափսոս, որ չգիտեի ձեր ծննդյան մասին, թե չէ նվերով կգայի... Հա՜-հա՜։ Դե, գուցե, ես հենց նվերով եմ եկել։ Լուսանալուն շա՞տ կա։
 +
 +
— Մինչև լուսաբացը երկու ժամ էլ չի մնում,— նկատեց Պտիցինը, ժամացույցին նայելով։
 +
 +
— Բայց հիմա ինչի՞ համար է պետք լուսաբացը, երբ դուրսը առանց այն էլ կարդալ կարելի է,— նկատեց մեկը։
 +
 +
— Նրա համար, որ ինձ պետք է տեսնել արևի եզրիկը։ Կարելի՞ է խմել արևի կենացը, իշխան, ի՞նչ եք կարծում։
 +
 +
Իպոլիտը հարցնում էր կոպիտ, բոլորին դիմելով առանց այլևայլության, ասես հրաման էր արձակում, բայց, կարծես, ինքը չէր նկատում այդ։
 +
 +
— Խմենք, թերևս, միայն թե դուք հանգստանայիք, հը՞, Իպոլիտ։
 +
 +
— Դուք շարունակ քնելու մասին եք խոսում, դուք, իշխան, իմ դայա՞կն եք։ Հենց որ արևը ծագի և «երգի» երկնքում (այդ ո՞վ է ասել բանաստեղծությամբ «հիմն է երգում արփին». անիմաստ է, բայց լավ է), մենք կքնենք։ Լեբեդև։ Չէ՞ որ արևը կյանքի աղբյուրն է։ Ի՞նչ է նշանակում «կյանքի աղբյուրը» հայտնության մեջ։ Դուք լսե՞լ եք «Օշինդր աստղի» մասին, իշխան։
 +
 +
— Ես լսել եմ, որ Լեբեդևն այդ «Օշինդր աստղն» ընդունում է Եվրոպայում տարածված երկաթուղու ցանցի տեղ։
 +
 +
— Ոչ, թույլ տվեք, այդպես չի՜ կարելի,— բղավեց Լեբեդևը, վեր թռչելով ու թևերը թափահարելով, կարծես կամենալով դադարեցնել սկսվող ընդհանուր ծիծաղը,— թույլ տվեք։ Այս պարոնների հետ... այս բոլոր պարոնները դարձավ հանկարծ նա իշխանին,— չէ՞ որ դա որոշ առումով է, ահա թե ինչ...— և նա առանց քաշվելու երկու անգամ խփեց սեղանին, որից ծիծաղն ավելի սաստկացավ։
 +
 +
Լեբեդևը թեև իր սովորական «իրիկնային» վիճակում էր, բայց այս անգամ չափազանց բորբոքված ու գրգռված էր դրան նախորդած «գիտական» երկար վիճաբանությունից, իսկ այդպիսի դեպքերում դեպի իր ընդդիմախոսները վերաբերվում էր անսահման և վերին աստիճանի բացահայտ արհամ արհանքով։
 +
 +
— Այդ այդպես չէ։ Մենք, իշխան, կես ժամ առաջ պայման կապեցինք, որ չնդհատեն, որպեսզի չհռհռան, քանի դեռ որևէ մեկը խոսում է, որպեսզի թույլ տան նրան ազատորեն ամեն ինչ ասել, իսկ հետո թող աթեիստները, եթե ուզում են, առարկեն. մենք գեներալին նախագահ կարգեցինք, ահա՛։ Թե չէ ի՞նչ։ Այդպես ամեն մեկին կարելի է շշկլեցնել, ամեն մի մտքի վրա, խորունկ մտքի...
 +
 +
— Դե խոսեցեք, խոսեցեք, ոչ ոք չի շշկլեցնում,— հնչեցին ձայներ։
 +
 +
— Խոսեցեք, բայց անհեթեթ բաներ մի ասեք։
 +
 +
— Այդ ի՞նչ «Օշինդր աստղ» է,— տեղեկացավ մեկը։
 +
 +
— Գաղափար չունեմ,— պատասխանեց գեներալ Իվոլգինը, գոռոզ տեսքով գրավելով նախագահի իր նոր տեղը։
 +
 +
— Ես զարմանալի սիրում եմ այս բոլոր վեճերն ու գրգիռները, իշխան, հասկանալի է, գիտական,— այդ միջոցին մրթմրթում էր Կելլերը, կատարյալ արբեցած ու անհամբեր շուռումուռ գալով աթոռի վրա,— գիտական և քաղաքական,— անսպասելիորեն դարձավ նա հանկարծ Եվգենի Պավլովիչին, որ նստած էր համարյա նրա կողքին։— Գիտե՞ք, ես շատ եմ սիրում թերթերում կարդալ անգլիական պառլամենտների մասին, այսինքն՝ ոչ այն մտքով, թե նրանք ինչի մասին են դատողություններ անում այնտեղ (ես, գիտե՞ք, քաղաքագետ չեմ) այլ այն, թե ինչպե՞ս են նրանք իրար հետ բացատրվում, ինչպես են իրենց պահում, այսպես ասած, իբրև քաղաքագետներ. «դիմացս նստած ազնիվ վիկոնտը», «ազնիվ կոմսը, որն ինձ համամիտ ՝», «իմ ազնիվ ընդդիմախոսը, որը զարմացրեց Եվրոպան իր առաջարկությամբ», այսինքն՝ ահա բոլոր այս արտահայտությունները, ազատ ժողովրդի այդ ամբողջ պառլամենտարիզմը — ահա թե ինչն է հրապուրիչ մեզպեսների համար։ Ես գերվում եմ, իշխան։ Ես միշտ արտիստ եմ եղել հոգուս խորքում, երդվում եմ ձեզ, Եվգենի Պավլովիչ։
 +
 +
— Սրանից հետո էլ ի՞նչ,— բորբոքվում էր մի ուրիշ անկյունում Գանյան,— ձեր կարծիքով դուրս է գալիս, որ երկաթուղիները անիծվա՞ծ են, որ նրանք մարդկության կործանո՞ւմն են, որ դրանք երկրի վրա իջած խո՞ց են, որպեսզի պղտորեն «կյանքի աղբյուրները»։
 +
 +
Գավրիլա Արդալինովիչը այդ երեկո առանձնապես հուզված տրամադրության մեջ էր, և ուրախ, գրեթե հրճվագին տրամադրության մեջ, ինչպես թվաց իշխանին։ Լեբեդևի հետ նա, իհարկե, կատակում էր, բորբոքելով նրան, բայց շուտով ինքն էլ տաքացավ։
 +
 +
— Ոչ թե երկաթուղիները, ո՜չ,— առարկում էր Լեբեդևը միաժամանակ և՛ փրփրելով, և՛ անչափելի բավականություն ստանալով,— մենակ բուն երկաթուղիները չեն պղտորի կյանքի աղբյուրները, իսկ այդ բոլորը ամբողջովին անիծված է, մեր վերջին դարերի այդ ամբողջ տրամադրությունը, նրա ընդհանուր ամբողջությամբ, գիտական ու գործնական, կարող է պատահել, իսկապես որ անիծված է։
 +
 +
— Հաստա՞տ անիծված է, թե միայն կարող է պատահել։ Չէ՞ որ սա կարևոր է այս դեպքում,— տեղեկացավ Եվգենի Պավլովիչը։
 +
 +
— Անիծված է, անիծված, հաստատ անիծված — կրակ կտրած հաստատեը Լեբեդևը։
 +
 +
— Մի շտապեք, Լեբեդև, դուք առավոտները շատ ավելի բարի եք,— ժպտալով նկատեց Պտիցինը։
 +
 +
— Բայց դրա փոխարեն երեկոներն ավելի անկեղծ եմ։ Երեկոներն ավելի մտերմական ու անկեղծ, եմ,— եռանդով նրա կողմը դարձավ Լեբեդևը,— ավելի պարզասիրտ եմ ու որոշակի, ավելի ազնիվ ու հարգալիր, ու թեև դրանով ես կողքս ձեր հարվածի տակ եմ դնում, բայց թքա՛ծ, ես ձեզ բոլորիդ մարտի եմ հրավիրում հիմա, բոլոր աթեիստներիդ, ինչո՞վ կփրկեք դուք աշխարհը և ինչում եք գտել նրա նորմալ ուղին. դուք՝ գիտության, արդյունաբերության, ասոցիացիաների, աշխատավարձի և այլ բաների մարդիկդ։ Ինչո՞վ։ Վարկո՞վ։ Ի՞նչ բան է վարկը։ Ձեզ ո՞ւր կհասցնի վարկը։
 +
 +
— Ա՜յ թե հետաքրքրություն ունեք,— նկատեց Եվգենի Պավլովիչը։
 +
 +
— Իսկ իմ կարծիքն այն է, որ ով այդպիսի հարցերով չի հետաքրքրվում, նա բարձրաշխարհիկ շենապան<ref>Շենապան (ֆրանս. chenapan-ից) — անբան։
 +
</ref> է։
 +
 +
—- Դե գոնե կհանգեցնի համընդհանուր համերաշխության և շահերի հավասարակշռության,— նկատեց Պտիցինը։
 +
 +
— Եվ միայն, միա՜յն։ Չընդունելով ոչ մի բարոյական հիմք, բացի անձնական էգոիզմից և նյութական անհրաժեշտությունի՞ց։ Համընդհանուր խաղաղություն, համընդհանուր երջանկություն՝ անհրաժեշտությունի՞ց։ Արդյոք այդպե՞ս պետք է հասկանալ ձեզ, եթե համարձակվեմ հարցնել, ողորմած տեր իմ։
 +
 +
— Բայց ախր ապրելու, ուտելու և խմելու, իսկ վերջապես ավելի լիակատար, գիտական համոզմունքն այն մասին, որ դուք այդ անհրաժեշտությունը չեք բավարարի առանց շահերի համ ընդհանուր ասոցիացիայի և համերաշխության, կարծես թե բավականաչափ հաստատուն միտք է, որպեսզի հենակետ և «կյանքի աղբյուր» լինի մարդկության ապագա դարերի համար,— նկատեց արդեն լրջորեն տաքացած Գանյան։
 +
 +
— Ուտելու և խմելու անհրաժեշտությունը, այսինքն՝ լոկ ինքնապահպանման զգացումը...
 +
 +
— Բայց մի՞թե քիչ է լոկ ինքնապահպանման զգացումը։ Չէ՞ որ ինքնապահպանման զգացումը մարդկության նորմալ օրենքն է...
 +
 +
— Այդ ո՞ւվ ասաց,— բղավեց հանկարծ Եվգենի Պավլովիչը,— այդ ճիշտ է, օրենք է, բայը նույնքան նորմալ, որքան և ավերման օրենքը, իսկ թերևս նաև ինքնավերման։ Մի՞թե միայն ինքնապահպանման մեջ է մարդկության ողջ նորմալ օրենքը։
 +
 +
— Էհե՜,— բացականչեց Իպոլիտը, արագ շրջվեց Եվգենի Պավլովիչի կողմը և արտասովոր հետաքրքրությամբ սկսեց զննել նրան. բայց տեսնելով, որ նա ծիծաղում է, ինքն էլ ծիծաղեց, բոթեց կողքին կանգնած Կոլյային և նորից հարցրեց նրան, թե ժամը քանիսն է, նույնիսկ ինքը դեպի իրեն քաշեց Կոլյայի արծաթե ժամացույցը և ագահորեն նայեց սլաքին։ Ապա, կարծես ամեն ինչ մոռանալով, նա ձգվեց բազմոցի վրա, ձեռները մեկնեց գլխավերևը և սկսեց նայել առաստաղին. կես րոպե անց նա նորից նստած էր սեղանի առաջ շտկված և ունկնդրելով ծայր աստիճան տաքացած Լեբեդևի շաղակրատանքը։
 +
 +
— Խորամանկ և ծաղրալի միտք, նախատակա՜ն միտք, ագահորեն որսաց Լեբեդևը Եվգենի Պավլովիչի պարադոքսը,— ախոյաններին կռվի հրահրելու նպատակով արտահայտած միտք, բայց ճի՜շտ միտք։ Որովհետև դուք, բարձրաշխարհիկ ծաղրասեր ու կավալերիստ (թեև ոչ առանը ընդունակությունների), ինքներդ էլ չգիտեք, թե ձեր միտքը ի՜նչ աստիճանի խոր միտք է, ճի՜շտ միտք է։ Այո֊ո՛։ Ինքնավերման և ինքնապահպանման օրենքը միանման ուժեղ է մարդկության մեջ։ Սատանան նույն ձևով իշխում է մարդկության վրա մինչև ժամանակների մեզ դեռ անհայտ սահմանը։ Դուք ծիծաղո՞ւմ եք։ Դուք չե՞ք հավատում սատանային։ Սատանային չհավատալը ֆրանսիական միտք է, թեթև միտք է։ Գիտե՞ք արդյոք, թե ով է սատանան։ Գիտե՞ք արդյոք, թե ինչ է նրա անունը։ Եվ նույնիսկ նրա անունը չիմանալով, Վոլտերի օրինակով դուք ծիծաղում եք նրա ձևի վրա, ձեր իսկ հնարած՝ նրա կճղակների, պոչի ու պոզերի վրա, որովհետև պիղծ ոգին մեծ և ահեղ ոգի է և ոչ թե մի արարած կճղակներով ու պոզերով, որ դուք եք վերագրել նրան։ Բայց հիմա նա՛ չի բանը...
 +
 +
— Ինչի՞ց գիտեք, որ հիմա նա չի բանը,— հանկարծ բղավեց Իպոլիտը և հռհռաց կարծես նոպայի մեշ։
 +
 +
— Ճարպիկ և ակնարկո՜ղ միտք,— գովեց Լեբեդևը,— բայց դարձյալ նա չի բանը, այ, մեր հարցն այն է, թե արդյոք չե՞ն թուլացել «կյանքի աղբյուրները» ուժեղացմամբ...
 +
 +
— Երկաթուղիների՞,— բղավեց Կոլյան։
 +
 +
— Ոչ թե երկաթուղիների, երիտասարդ, բայց մոլեգնած անչափահաս, այլ այն ողջ ուղղության, որոնց երկաթուղիները կարող են ծառայել, այսպես ասած, որպես պատկեր, գեղարվեստական արտահայտություն։ Աճապարում են, թրխկացնում, շրխկացնում և, ասում են, թե շտապում են մարդկության երջանկությա՜ն համար։ «Չափազանց աղմկալի ու արդյունաբերական է դառնում մարդկությունը, քիչ է հոգևոր հանգստությունը»,— գանգատվում է մի հեռացած մտածող։ «Թող այդպես լինի, բայց քաղցած մարդկությանը հաց կրող սայլերի թխկթխկոցը գուցե ավելի լավ է հոգևոր հանգստությունից»,— հաղթականորեն պատասխանում է նրան մի այլ մտածող, որ շրջում է ամենուրեք և սնապարծությամբ հեռանում է առաջինից։ Չեմ հավատում ես, նողկալի Լեբեդևս, մարդկությանը հաց կրող սայլերին։ Որովհետև ամբողջ մարդկությանը հաց կրող սայլերը, առանց իրենց արարմունքի համար բարոյական հիմք ունենալու, կարող են ամենասառնարյուն կերպով մարդկության նշանակալից մասին զրկել իրենց կրած հացի հաճույքից, որը և արդեն եղել է...
 +
 +
— Այդ սայլե՞րը կարող են ամենասառնարյուն կերպով զրկել,— վրա բերեց մեկը։
 +
 +
— Որը և արդեն եղել է,— հաստատեց Լեբեդևը, ուշադրության չարժանացնելով հարցը,— արդեն եղել է Մալթուսը, մարդկության բարեկամը։ Բայց բարոյական երերուն հիմքեր ունեցող մարդկության բարեկամը մարդկության մարդակեր է, չխոսելով նրա սնափառության մասին, որովհետև փորձեցեք վիրավորել մարդկության անհամար բարեկամներից որևէ մեկի սնափառությունը, և նա անմիջապես պատրաստ է, մանր վրիժառությունից դրդված, աշխարհը հրդեհել չորս կողմից, ի դեպ, ճիշտ այնպես, ինչպես մեզնից յուրաքանչյուրը, արդարն ասած, ինչպես և ես, բոլորից ամենանողկալին, որովհետև ես, գուցե առաջինը փայտ կբերեմ, իսկ ինքս հեռու կփախչեմ։ Բայը դարձյալ բանն այդ չէ։
 +
 +
— Հապա ո՞րն է վերջապես։
 +
 +
— Զանձրացրե՜ց։
 +
 +
— Բանը անցած դարերից եկող հետևյալ անեկդոտն է, որովհետև ես հարկադրված եմ անցած դարերի անեկդոտ պատմել։ Մեր ժամանակ, մեր հայրենիքում, որը, հուսով եմ, սիրում եք, ինչպես և ես, պարոնայք, որովհետև ես իմ կողմից պատրաստ եմ նույնիսկ ողջ արյունս հեղել...
 +
 +
— Հետո՜։ Հետո՜։
 +
 +
— Մեր հայրենիքում, ինչպես նաև Եվրոպայում, համընդհանուր, ամենուրեքյա և սարսափելի սովեր են այցելում մարդկությանը, ըստ հնարավոր հաշվառման և որքան կարողանում եմ հիշել, հիմա ոչ ավելի հաճախ, քան քառորդ դարում մեկ անգամ, այլ խոսքերով ասած, յուրաքանչյուր քսանհինգամյակում մեկ անգամ։ Չեմ վիճում ստույգ թվի մասին, բայց համեմատաբար շատ հազվադեպ։
 +
 +
— Ինչի՞ հետ համեմատաբար։
 +
 +
— Տասներկուերորդ հարյուրամյակի և նրան հարևան հարյուրամյակների՝ թե մեկ և թե մյուս կողմից։ Որովհետև այն ժամանակ, ինչպես գրում և հաստատում են գրողները, մարդկության մեջ համընդհանուր սովերը նրան այցելում էին երկու տարին մեկ կամ ծայրահեղ դեպքում երեք տարին մեկ, այնպես որ իրերի այդ դրության պայմաններում մարդ դիմում էր նույնիսկ մարդակերության, թեպետև գաղտնիք պահելով։ Այդպիսի ձրիակերներից մեկը, ծերության մոտենալով, ինքն իրեն, և առանց որևէ հարկադրանքի հայտարարել է, որ նա իր երկարատև ու աղքատիկ կյանքի ընթացքում մեռցրել և կատարելապես գաղտնի անձամբ կերել է վաթսուն վանական և մի քանի աշխարհիկ մանուկներ, մի վեց հատ, ոչ ավելի, այսինքն՝ իր կերած հոգևորականների քանակի համեմատությամբ շատ քիչ։ Իսկ աշխարհիկ հասակավոր մարդկանց, ինչպես պարզվել է, նա այդ նպատակով երբեք ձեռք չի տվել։
 +
 +
— Այդ չի՛ կարող պատահել,— բղավեց նախագահն ինքը, գեներալը, համարյա նույնիսկ վիրավորված ձայնով,— ես հաճախ եմ նրա հետ խոսում ու վիճում, պարոնայք, և շարունակ նման մտքերի մասին, բայց ամենից հաճախ նա այնպիսի անհեթեթ բաներ է առաջ քաշում, որ նույնիսկ մարդ չի ուզում լսել, մի՜ գրոշի ճշմարտություն չկա։
 +
 +
— Գեներա՜լ։ Հիշիր Կարսի պաշարումը, իսկ դուք, պարոնայք, գիտցեք, որ իմ անեկդոտը մերկ ճշմարտություն է։ Իսկ իմ կողմից կասեմ, որ գրեթե ամեն մի իրականություն թեև ունի իր անվիճելի փոփոխությունները, բայց գրեթե միշտ անհավանական է և ոչ ճշմարտանման։
 +
 +
— Բայց մի՞թե կարելի է. վաթսուն ճգնավոր ուտել,— ծիծաղում էին շուրջը։
 +
 +
— Թեև նա կերել է ոչ միանգամից, որ ակնհայտ է, բայց կարող է պատահել, տասնհինգ կամ քսան տարվա ընթացքում, որ արդեն միանգամայն հասկանալի է և բնական...
 +
 +
— Եվ բնակա՜ն։
 +
 +
— Եվ բնակա՜ն,— մանրախնդիր համառությամբ հակահարձակ էր լինում Լեբեդևը,— և բացի ամեն ինչից, կաթոլիկ վանականը արդեն իր բուն բնությամբ հաճկատար ու հետաքրքրասեր է, և նրան շատ հեշտ է հրապուրել անտառ կամ որևէ մեկուսի տեղ և այնտեղ նրա հետ վարվել վերը ասվածի ձևով. այնուամենայնիվ չեմ վիճում, որ կերված անձանց քանակը չափազանց շատ է, նույնիսկ անժուժկալության աստիճան։
 +
 +
— Գուցե և ճիշտ է դա, պարոնայք,— նկատեց հանկարծ իշխանը։
 +
 +
Մինչև հիմա նա լուռ լսում էր վիճաբանողներին և խոսակցությանը չէր խառնվում, հաճախ սրտանց ծիծաղում էր, հետևելով ընդհանուր ծիծաղի պոռթկումին։ Երևում էր, որ նա սաստիկ ուրախ էր, որ այդպես ուրախ, այդպես աղմկալի է, նույնիսկ նրա համար, որ այդքան շատ են խմում։ Գուցե նա ոչ մի բառ էլ չարտասաներ ամբողջ երեկո, բայց հանկարծ կարծես թե որոշեց խոսել։ Իսկ խոսել սկսեց արտակարգ լրջությամբ, այնպես որ բսլորը հանկարծ հհտաքրքրությամբ շրջվեցին դեպի նա։
 +
 +
— Ես, պարոնայք, ուզում եմ ասել, որ այն ժամանակ լինում էին այդպիսի հաճախակի սովեր։ Դրա մասին ես էլ եմ լսել, թեև վատ գիտեմ պատմությունը։ Բայց, կարծեմ, հենց այդպես էլ պետք է եղած լինի։ Երբ շվեյցարական լեռներն ընկա, շատ էի զարմանում լեռնալանջերին, սեպ ժայռերի վրա և ուղղաբերձ բարձունքից առնվազն կես վերստ (դա նշանակում է մի քանի վերստ արահետներով) հեռու կառուցած ասպետական հին ամրոցների փլատակների վրա։ Հայտնի է, թե ինչ բան է ամրոցը, դա քարերի մի ամբողջ սար է։ Սարսափելի, անհնա՜ր աշխատանք։ Եվ ինչ խոսք, դա կառուցել են այդ բոլոր թշվառ մարդիկ, վասալները։ Բացի դրանից, նրանք պետք է ամեն տեսակ տուրքեր տային և պահեին հոգևորականությանը։ Էլ ե՞րբ կարող էին իրենց կերակրել և հողը մշակել։ Սրանք այն ժամանակ քիչ էին, ըստ երևույթին շատ էին մեռնում սովից, և գուցե տառացիորեն ուտելու բան չունեին։ Ես նույնիսկ երբեմն մտածում էի, թե ինչպե՞ս այն ժամանակ բոլորովին չոչնչացան այդ մարդիկ և մի բան չպատահեց նրանց, ինչպե՞ս կարողացան տանել ու դիմանալ։ Որ կային մարդակերներ և, գուցե, շատ շատ, ապա դրանում Լեբեդևն, անկասկած, իրավացի է, միայն չգիտեմ նա ինչո՞ւ այստեղ խառնեց հատկապես վանականներին և դրանով ի՞նչ է ուզում ասել։
 +
 +
— Երևի այն, որ տասներկուերորդ դարում միայն վանականներին կարելի էր ուտել, որովհետև միայն նրանք էին գեր,— նկատեց Գավրիլա Արդալիոնովիչը։
 +
 +
— Ամենահիանալի և ամենաճիշտ մի՜տք,— բղավեց Լեբեդևը,— որովհետև աշխարհիկներին նա նույնիսկ ձեռք չէր տվել։ Ոչ մի հատիկ աշխարհիկ՝ վաթսուն համար հոգևորականի դիմաց, և դա սարսափելի միտք է, պատմական միտք է, վիճակագրական միտք է, վերջապես, և կարողացողը հենց այսպիսի փաստերից է վերստեղծում պատմությունը, որովհետև թվական ճշգրտության է հասցվում, որ հոգևորականությունը առնվազն վաթսուն անգամ ավելի երջանիկ ու ազատ է ապրել, քան այն ժամանակվա մնացած ամբողջ մարդկությունը։ Եվ կարող է պատահել, առնվազն վաթսուն անգամ ավելի գեր է եղել մնացած ամբողջ մարդկությունից...
 +
 +
— Չափազանցություն է, չափազանցությո՜ւն, Լեբեդև,— հոհռում էին չորս կողմը։
 +
 +
— Համաձայն եմ, որ պատմական միտք է, բայց ինչի եք հանգում,— շարունակում էր հարցնել իշխանը։ (Նա խոսում էր այնպիսի լրջությամբ և Լեբեդևի նկատմամբ, որի վրա բոլորը ծիծաղում էին, ամենայն կատակի ու ծաղրի այնպիսի բացակայությամբ, որ նրա տոնը, ամբողջ կամպանիայի ընդհանուր տոնի մեջ, ակամա դառնում էր կոմիկական. մի քիչ էլ՝ և կսկսեին նրա վրա էլ ծիծաղել, բայց նա այդ բանը չէր նկատում)։
 +
 +
— Մի՞թե չեք տեսնում, իշխան, որ սա ցնդած է,— նրա ականջին թեքվեց Եվգենի Պավլովիչը։— Ինձ քիչ առաջ այստեղ ասացին, որ նա խելքը թռցրել է փաստաբանության և փաստաբանական ճառերի վրա և ուզում է քննություն Բռնել։ Ես սպասում եմ հիանալի պարոդիայի։
 +
 +
— Ես հանգում եմ հսկայական եզրակացության,— այդ միջոցին որոտում էր Լեբեդևը։— Բայց ամենից առաջ քննենք ոճրագործի հոգեբանական և իրավաբանական վիճակը։ Մենք տեսնում ենք, որ ոճրագործը կամ, այսպես ասած, իմ կլիենտը, չնայած ուրիշ ուտելի բան գտնելու անհնարինությանը, իր հետաքրքիր կարիերայի ընթացքում մի քանի անգամ դրսևորում է զղջալու ցանկություն և իրենից վանում է հոգևորականությանը։ Մենք դա պարզ տեսնում ենք փաստերից. հիշատակվում է, որ նա այնուամենայնիվ հո կերե՞լ է հինգ թե վեց մանուկ, համեմատաբար չնչին թիվ, դրա փոխարեն՝ նշանակալից այլ տեսակետից։ Երևում է, որ տանջվելով սարսափելի խայթերից (քանի որ իմ կլիենտը կրոնասեր ու խղճով մարդ է, որ ես կապացուցեմ) և որպեսզի ըստ հնարավորին նվազեցնի իր ոճիրը, նա, փորձի համար, վեց անգամ վանական սնունդը փոխել է աշխարհիկ սնունդով։ Որ փորձի համար է փոխել, դա նորից անկասկած է, որովհետև եթե միայն գաստրոնոմիական տարատեսակության համար լիներ, ապա վեց թիվը շատ չնչին կլիներ, ինչո՞ւ միայն վեց համար և ոչ թե երեսուն։ (Ես վերցնում եմ կեսին կես)։ Բայց եթե դա միայն փորձի համար է եղել, միայն սրբապղծության և եկեղեցականը վիրավորելու վախի հուսահատությունից, ապա այդ ժամանակ վեց թիվը դառնում է շատ հասկանալի, որովհետև վեց փորձը, խղճի խայթը բավարարելու համար, ավելի քան բավական է, որովհետև չէ՞ որ փորձերը չէին կարող հաջող լինել։ Եվ, նախ և առաջ, իմ կարծիքով, մանուկը շատ փոքր է, այսինքն՝ խոշոր չէ, այնպես որ որոշակի ժամանակի համար կպահանջվեին եռակի, հնգակի անգամ ավելի մեծ թվով մանուկներ, քան հոգևորականներ, այնպես որ, եթե նույնիսկ մեղքը մի կողմից պակասում էր, ապա վերջ ի վերջո ավելանում էր մյուս կողմից, եթե ոչ որակով, ապա քանակով։ Այսպես դատելով, պարոնայք, իհարկե, հասկանում եմ տասներկուերորդ դարի ոճրագործի սրտում եղածը։ Ինչ վերաբերում է ինձ՝ տասնիններորդ դարի մարդուս, ապա ես, գուցե, այլ կերպ դատեի, որի մասին և իրազեկ եմ դարձնում ձեզ, այնպես որ, կարիք չկա, պարոնայք, որ սեպերդ ցույց տաք ինձ, իսկ ձեզ, գեներալ, արդեն բոլորովին վայել չէ։ Երկրորդ՝ մանուկը, իմ անձնական կարծիքով, սննդարար չէ, կարող է պատահել նույնիսկ շատ քաղցրումեղցր է, այնպես որ պահանջը չբավարարելով, թողնում է միայն խղճի խայթեր։ Հիմա եզրակացությունը, ֆինալը, պարոնայք, ֆինալը, որն իր մեջ պարունակում է այն ժամանակվա և մեր ժամանակվա մեծագույն հարցերից մեկի լուծումը։ Ոճրագործը բանը նրանով է վերջացնում, որ գնում և իրեն մատնում է հոգևորականությանը և հանձնվում կառավարության ձեռքը։ Հարց ենք տալիս, այն ժամանակվա համաձայն ի՞նչ տանջանքներ էին սպասում նրան, ի՞նչ անիվներ, ի՞նչ խարույկներ ու կրակներ։ Ուրեմն ո՞վ էր մղում նրան գնալ և մատնել իրեն։ Ինչո՞ւ ուղղակի կանգ չառներ վաթսուն թվի վրա, գաղտնիքը պահպանելով մինչև իր վերջին շունչը փչելը։ Ինչո՞ւ ուղղակի հանգիստ չթողներ վանականությանը և չապրեր ճգնավորի պես ապաշխարելով։ Վերջապես, ինչո՞ւ ինքը վանական չդառնար։ Ահա հենց այստեղ է լուծումը։ Նշանակում է, ախր մի բան կար, որ ավելի ուժեղ էր խարույկներից ու կրակներից, և նույնիսկ քսանամյա սովորությունից։ Նշանակում է, ախր, կար մի շատ ավելի ուժեղ միտք, քան բոլոր դժբախտությունները, երաշտները, խոշտանգումները և ժանտախտները, բորերը և այն ամբողջ դժոխքը, որին չէր դիմանա մարդկությունը առանց այն շաղկապող, սրտին ուղղություն տվող և կյանքի աղբյուրները բեղմնավորող մտքի։ Հապա՛ ինձ ցույց տվեք այդպիսի ուժի նման որևէ բան արատների ու երկաթուղիների մեր դարում... այսինքն՝ պետք էր ասել շոգենավերի ու երկաթուղիների մեր դարում, բայց ես ասում եմ արատների ու երկաթուղիների մեր դարում, որովհետև ես հարբած եմ, բայց արդարացի՜։ Ինձ ցույց տվեք ներկայիս մարդկությունը շաղկապող մի միտք, որը թեկուզ կիսով չափ այն ուժն ունենար, ինչպես այն հարյուրամյակներում։ Եվ համարձակվեցեք ասել, վերջապես, թե չեն թուլացել, չեն պղտորվել կյանքի աղբյուրները այդ «աստղի» ներքո, մարդկանց կաշկանդած այդ ցանցի տակ։ Եվ ինձ մի վախեցրեք ձեր բարեկեցությամբ, ձեր հարստություններով, սովի հազվադեպությամբ և հաղորդակցության ճանապարհների արագությամբ։ Հարստությունն ավելի է, բայց ուժը՝ պակաս. շաղկապող միտքը կորել է. ամեն ինչ կակղել է, ամեն ինչ մգլել է և բոլորը մգլե՜լ են։ Մենք բոլորս, բոլորս, բոլորս մգլոտե՜լ ենք... բայց բավական է և հիմա բանն այդ չէ, այլ այն, թե կարգադրություն չանե՞նք արդյոք, հարգարժան իշխան, հյուրերի համար պատրաստած խորտիկների մասին։
 +
 +
Լեբեդևը, որ ունկնդիրներից մի քանիսին քիչ էր մնում իսկապես զայրացներ (պետք է նկատենք, որ շշերն ամբողջ ժամանակ չէին դադարում բացվելուց), իր ճառն անսպասելիորեն եզրափակելով խորտիկների մասին արած հայտարարությամբ, անմիջապես իր հետ հաշտեցրեց բոլոր հակառակորդներին։ Նա ինքը այդպիսի եզրափակումն անվանում էր «գործի ճարպիկ, փաստաբանական ընթացք»։ Նորից ուրախ քրքիջ բարձրացավ, հյուրերն աշխուժացան, բոլորը վեր կացան սեղանի մոտից, որպեսզի մարմինները մարզեն և մի քիչ քայլեն պատշգամբում։ Միայն Կելլերն էր դժգոհ մնացել Լեբեդևի ճառից և արտակարգ հուզմունքի մեջ էր։
 +
 +
— Հարձակվում է լուսավորության վրա, քարոզում է տասներկուերորդ հարյուրամյակի վայրագություն, կոտրատվում է, և նույնիսկ առանց որևէ պարզասրտության, իսկ ինքը տունն ինչպե՞ս ձեռք բերեը, թույլ տվեք հարցնել,— ասում էր նա բարձրաձայն, կանգնեցնելով բոլորին և յուրաքանչյուրին։
 +
 +
— Ես տեսել եմ հայտնության իսկական մեկնաբանի,— ասում էր գեներալը մի ուրիշ անկյունում, այլ ունկնդիրների և, ի միջի այլոց, Պտիցինին, որին պահում էր կոճակից բռնած,— հանգուցյալ Գրիգորի Սեմյոնովիչ Բուրմիստրովին. նա, այսպես ասած, այրում էր սրտերը։ Եվ, նախ, ակնոց էր դնում, բաց էր անում մի մեծ սև կաշեկազմ հինավուրց գիրք, և, ընդսմին, ալեհեր մորուք, երկու մեդալ նվիրատվությունների համար։ Սկսում էր խստաշունչ ու խիստ, նրա առաջ խոնարհվում էին գեներալները, իսկ տիկնայք ուշագնաց էին լինում, դե, իսկ սա խորտիկներո՜վ է եզրափակում։ Ոչ մի բանի նման չէ։
 +
 +
Գեներալին ունկնդրող Պտիցինը ժպտում էր և կարծես պատրաստվում գլխարկը վերցնել, բայց ոնց որ սիրտ չէր անում կամ անընդհատ մոռանում էր իր մտադրությունը։ Գանյան, դեռ նախքան սեղանի առջևից վեր կկենային, հանկարծ դադարեց խմելուց և իրենից հեռացրեց բաժակը, ինչ֊որ մռայլ բան սահեց նրա դեմքով։ Երբ սեղանի առջևից վեր կացան, նա մոտեցավ Ռոգոժինին և նստեց նրա կողքին։ Կարելի էր կարծել, որ նրանք ամենամտերիմ հարաբերությունների մեջ են։ Ռոգոժինը, որ սկզբում նույնիսկ մի քանի անգամ պատրաստվում էր սուսիկ֊փուսիկ հեռանալ, հիմա նստել էր անշարժ, գլխահակ և կարծես նույնիսկ մոռացած, որ ուզում էր գնալ։ Ամբողջ երեկոյի ընթացքում նա ոչ մի կաթիլ գինի չէր խմել և շատ մտածկոտ էր, լոկ երբեմնակի բարձրանում էր աչքերը և դիտում բոլորին ու յուրաքանչյուրին։ Իսկ հիմա կարելի էր կարծել, որ նա այստեղ իր համար ինչ֊որ շատ կարևոր բանի է սպասում, և առժամանակ որոշել է չգնալ։
 +
 +
Իշխանը խմել էր ընդամենը երկու կամ երեք բաժակ և միայն զվարթ էր։ Սեղանի առջևից բարձրանալիս, նա հանդիպեց Եվգենի Պավլովիչի հայացքին, հիշեց իրենց մեջ կայանալիք առաջիկա բացատրության մասին և սիրալիր ժպտաց։ Եվգենի Պավլովիչը գլուխ տվեց նրան և հանկարծ ցույց տվեց Իպոլիտին, որին ուշադիր հետևում էր այդ րոպեին։ Իպոլիտը քնել էր բազմոցին մեկնված։
 +
 +
— Ասացեք, ինչո՞ւ է ձեզ մոտ խցկվել այս անպիտան տղան, իշխան,— ասաց նա հանկարծ այնպիսի բացահայտ վրդովմունքով, նույնիսկ չարությամբ, որ իշխանը զարմացավ։— Գրազ կգամ, որ նրա մտքում մի չար բան կա։
 +
 +
— Ես նկատեցի,— ասաց իշխանը,— գոնե ինձ այդպես թվաց, որ նա այսօր ձեզ չափից ավելի է հետաքրքրում, Եվգենի Պավլիչ. ճի՞շտ է։
 +
 +
— Եվ ավելացրեք. իմ սեփական հանգամանքներում ես ինքս էլ մտածելու շատ բան ունեմ, այնպես որ ինձ վրա զարմանում եմ, որ ամբողջ երեկո աչքս չեմ կարող կտրել այդ զզվելի երեսից։
 +
 +
— Նրա դեմքը գեղեցիկ է...
 +
 +
— Ահա, ահա, նայեցե՜ք,— ճչաց Եվգենի Պավլովիչը, քաշելով իշխանի թևից,— ահա...
 +
 +
Իշխանը մի անգամ էլ զարմացած նայեց Եվգենի Պավլովիչին։
 +
 +
=== V ===
 +
 +
Իպոլիտը, որ Լեբեդևի դիսերտացիայի վերջում հանկարծ քնել էր բազմոցի վրա, հիմա հանկարծ զարթնեց, կարծես թե մեկը խթել էր նրա կողքը, ցնցվեց, մի քիչ բարձրացավ տեղից, շուրջը նայեց ու գունատվեց. նույնիսկ ինչ֊որ վախով նա նայում էր շուրջը, բայց գրեթե սարսափ արտահայտվեց նրա դեմքին, երբ նա ամեն ինչ վերհիշեց ու հասկացավ։
 +
 +
— Ինչ է, նրանք ցրվո՞ւմ են։ Վերջացա՞վ։ Ամեն ինչ վերջացա՞վ։ Արևը ծագե՞լ է,— հարցնում էր նա տագնապած, բռնելով իշխանի ձեռքը,— ժամը քանի՞սն է։ Ի սեր աստծու, ժամը։ Ես քնով անցա։ Երկա՞ր քնեցի,— ավելացրեց նա համարյա հուսահատ տեսքով, կարծես նա մի այնպիսի բան էր քնով անցկացրել, որից առնվազն կախված էր նրա ամբողջ բախտը։
 +
 +
— Դուք քնել եք յոթ կամ ութ րոպե,— պատասխանեց Եվգենի Պավչովիչը։
 +
 +
— Ա՜... ընդամենը։ Նշանակում է ես...
 +
 +
Եվ նա խորունկ ու ագահ շունչ քաշեց, կարծես իր վրայից դեն գցելով մի ծանր բեռ։ Նա վերջապես գլխի րնկավ, որ ոչինչ «չի վերջացել», որ դեռ լույսը չի բացվել, որ հյուրերը սեղանի առջևից վեր են կացել միայն ուտելու համար և որ վերջացել է միայն Լեբեդևի շաղակրատանքը։ Նա ժպտաց, և թոքախտավորի կարմրությունը, երկու վառ բծով խաղաց նրա այտերին։
 +
 +
— Իսկ դուք նույնիսկ րոպեներն եք հաշվել, մինչ ես քնած էի, Եվգենի Պավլիչ,— վրա բերեց նա ծաղրալի,— դուք ամբողջ երեկո ինձնից չէիք կտրում ձեր հայացքը, ես տեսհում էի... Ա՜։ Ռոգոժինը։ Ես հիմա նրան երազումս տեսա,— շշնջաց նա իշխանին, խոժոռվելով ու նշանացի ցույց տալով սեղանի մոտ նստած Ռոգոժինին,— ախ, հա՜,— հանկարծ նորից խոսքը վախեց նա,— իսկ ո՞ւր է հռետորը, ո՞ւր է Լեբեդևը։ Նշանակում է, Լեբեդևը վերջացրե՞ց։ Ինչի՞ մասին էր խոսում նա։ Ճի՞շտ է, իշխան, որ մի անգամ դուք ասել եք, թե աշխարհը կփրկի «գեղեցկությունը»։ Պարոնայք,— բղավեց նա բարձր, բոլորին,— իշխանը պնդում էր, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը։ Իսկ ես պնդում եմ, որ նրա մտքերն այդպես վառվռուն են այն պատճառով, որ նա հիմա սիրահարված է։ Պարոնայք, իշխանը սիրահարված է. քիչ առաջ հենց նա ներս մտավ, ես դրանում համոզվեցի։ Մի՛ կարմրեք, իշխան, ես ձեզ կխղճամ։ Ինչպիսի՞ գեղեցկությունը կփրկի աշխարհը։ Դա ինձ Կոլյան է ասել... Դուք ջերմեռանդ քրիստոնյա՞ եք։ Կոլյան ասում է, որ դուք ձեզ քրիստոնյա եք անվանում։
 +
 +
Իշխանն ուշադիր դիտում էր նրան և չպատասխանեց նրա հարցերին։
 +
 +
— Դուք ինձ չե՞ք պատասխանում։ Գուցե կարծում եք, թե ես ձեզ շա՞տ եմ սիրում,— հանկարծ ավելացրեց Իպոլիտը, ասես կտրեց։
 +
 +
— Ոճ, չեմ կարծում։ Ես գիտեմ, որ դուք ինձ չեք սիրում։
 +
 +
— Ինչպե՜ս։ Նույնիսկ երեկվա դեպքից հետո՞։ Երեկ ես ձեզ հետ անկեղծ էի։
 +
 +
— Ես երեկ էլ գիտեի, որ ինձ չեք սիրում։
 +
 +
— Այսինքն՝ նրա համար, որ ձեզ նախանձո՞ւմ եմ, նախանձո՞ւմ եմ։ Դուք միշտ այդ մտածել եք և հիմա էլ մտածում եք, բայց... բայց ինչո՞ւ եմ ձեզ ասում այդ մասին։ Ես ուզում եմ էլի շամպայն խմել, լցրեք ինձ համար, Կելլեր։
 +
 +
— Ձեզ այլևս չի կարելի խմել, Իպոլիտ, չեմ տա...
 +
 +
Եվ իշխանը նրանից հեռացրեց բաժակը։
 +
 +
— Իսկապես էլ...— անմիջապես համաձայնեց Իպոլիտը, կարծես մտմտալով,— մեկ էլ տեսար, կասեն... բայց ո՞ր գրողիս է պետք, թե նրանք ինչ կասեն։ Ճիշտ չէ՞։ Ճիշտ չէ՞։ Թող հետո ինչ ուզում են ասեն, այնպես չէ՞, իշխան։ Եվ մեր բոլորի ի՞նչ գործն է, թե ինչ կլինի ''հետո՜''... Ասենք, քունը գլխիս է։ Ի՜նչ սարսափելի երազ տեսա հիմա, նոր հիշեցի... Ձեզ այդպիսի երագներ չեմ ցանկանում, իշխան, թեև իրոք, գուցե չեմ սիրում ձեզ։ Ասենք, եթե մեկին չես սիրում, ինչո՞ւ նրան վատ բան ցանկանաս, ճիշտ չէ՞։ Այս ի՞նչ եմ հարցնում ձեզ, շարունակ հարցնում եմ։ Տվեք ինձ ձեր ձեռքը. ես ամուր կսեղմեմ, ահա այսպես... Դուք, այնուամենայնիվ, ինձ մեկնեցիք ձեր ձեռքը։ Նշանակում է, գիտե՞ք, որ ես անկեղծորեն եմ սեղմում այն... Ճիշտ որ, էլ չեմ խմի։ Ժամը քանի՞սն է։ Ասենք, հարկավոր չէ, ես գիտեմ քանիսն է։ Հասել է ժամը։ Հիմա իսկական ժամանակն է։ Այդ ինչ է, այնտեղ անկյունում ուտելի՞ք են դնում։ Նշանակում է, այս սեղանն ազա՞տ է։ Հիանալի է։ Պարոնայք, ես... սակայն այդ բոլոր պարոնները չեն էլ լսում... ես մտադիր եմ մի հոդված կարդալ, իշխան, խորտիկներն, իհարկե, ավելի հետաքրքիր են, բայց...
 +
 +
Եվ հանկարծ, բոլորովին անսպասելի, նա իր վերին ծոցագրպանից հանեց մեծ կարմիր կնիքով կնքած գրասենյակային չափսի մի մեծ ծրար։ Նա ծրարը դրեց սեղանին, իր առջև։
 +
 +
Այդ անսպասելիությունը տպավորություն գործեց հասարակության վրա, որը դրան պատրաստ չէր կամ, լավ է ասել, պատրաստ էր, բայց ոչ դրան։ Եվգենի Պավլովիչը նույնիսկ վեր թռավ իր աթոռից, Գանյան արագ մոտեցավ սեղանին, Ռոգոժինը նույնպես, բայց ինչ-որ փնթփնթան սրտնեղությամբ, կարծես հասկանալով, թե բանն ինչ է։ Մոտիկում կանգնած Լեբեդևը հետաքրքրասեր աչքերով մոտեցավ ու նայում էր ծրարին, ջանալով կռահել, թե բանն ինչ է։
 +
 +
— Այդ ի՞նչ է,— անհանգստացած հարցրեց իշխանը։
 +
 +
— Հենց որ արևի ծայրը երևա, ես կպառկեմ, իշխան, ես ասացի. ազնի՛վ խոսք, կտեսնեք,— բացականչեց Իպոլիտը, բայց... բայց... մի՞թե կարծում եք, թե ես ի վիճակի չեմ բացելու այս ծրարը,— ավելացրեց նա մարտահրավերով հայացքը հածելով շուրջը՝ բոլորի վրա և կարծես թե դիմելով անխտիր բոլորին։ Իշխանը նկատեց, որ նա ամբողջովին դողում է։
 +
 +
— Մեզնից ոչ մեկի մտքով էլ չի անցնում դա,— պատասխանեց իշխանը բոլորի փոխարեն,— և ինչո՞ւ եք կարծում, թե որևէ մեկը այդ կարծիքի է և այդ ինչ... ինչ տարօրինակ միտք ունեք կարդալու։ Այդ ի՞նչ բան է, Իպոլիտ։
 +
 +
— Այդ ի՞նչ բան է։ Էլի ի՞նչ է պատահել նրան,— հարցնում էին շուրջը։
 +
 +
Բոլորը մոտենում էին, ոմանք դեռևս ծամելով. կարմիր կնիքով ծրարը բոլորին մագնիսի պես ձգում էր։
 +
 +
— Սա երեկ ես ինքս եմ գրել, անմիջապես նրանից հետո, որ ձեզ խոսք տվեցի, որ կտեղափոխվեմ ձեզ մոտ ապրելու, իշխան։ Ես սա գրել եմ երեկ ամբողջ օրը, հետո գիշերը և վերջացրել եմ այսօր առավոտյան. գիշերը, առավոտվա կողմ, ես մի երազ տեսա...
 +
 +
— Ավելի լավ չի՞ վաղը,— վարանոտ ընդհատեց իշխանը։
 +
 +
— Վաղը «այլևս ժամանակ չի լինի»,— հիստերիկորեն քմծիծաղ տվեց Իպոլիտը։— Բայց մի անհանգստացեք։ ես կկարդամ քառասուն րոպեում, դե, մի ժամում... Եվ տեսնո՞ւմ եք, ինչպես են հետաքրքրվում բոլորը, բոլորը մոտեցել են, բոլորը նայում են իմ կնիքին, և ախր եթե հոդվածս չկնքեի ծրարի մեջ, ոչ մի տպավորություն չէր լինի։ Հա՜-հա՜։ Ահա թե ինչ է նշանակում խորհրդավորությունը։ Բացե՞մ թե ոչ, պարոնայք,— բղավեց նա, ծիծաղելով իր տարօրինակ ծիծաղով և աչքերը պսպղացնելով։ Գաղտնի՜ք է։ Գաղտնի՜ք։ Իսկ հիշո՞ւմ եք, իշխան, ով, է ազդարարել, թե «այլևս ժամանակ չի լինի»։ Դա ազդարարում է հսկա ու հզոր հրեշտակը հայտնության մեջ։
 +
 +
— Լավ է չկարդաք,— բացականչեց հանկարծ Եվգենի Պավլովիչը, բայց այնպիսի անսպասելի անհանգստացած տեսքով, որ շատերին դա տարօրինակ թվաց։
 +
 +
— Մի կարդացեք,— բղավեց նաև իշխանը, ձեռքը դնելով ծրարի վրա։
 +
 +
— Ի՞նչ ընթերցում, հիմա ընթրիք է։— նկատեց մեկը։
 +
 +
— Հոդվա՞ծ։ Ժուռնալի համա՞ր, թե ինչ,— հարցրեց մեկ ուրիշը։
 +
 +
— Գուցե ձանձրալի՞ է,— ավելացրեց երրորդը։
 +
 +
— Այդ ի՞նչ բան է այդտեղ,— հարցրին և մյուսները։ Բայց իշխանի վախեցած շարժումը կարծես վախեցրեց նաև Իպոլիտին իրեն։
 +
 +
— Ուրեմն... չկարդա՞մ,— շշնջաց նա իշխանին մի տեսակ վախվորած, ծամածռված ժպիտը կապտած շրթունքներին,— չկարդա՞մ,— մրթմրթաց նա հայացքը հածելով բոլոր հավաքվածների, բոլոր աչքերի ու դեմքերի վրա և կարծես նորից կառչելով բոլորից առաջվա, բոլորի վրա հարձակվող էքսպանսիվությամբ,— դուք... վախենո՞ւմ եք,— նորից դարձավ նա իշխանին։
 +
 +
— Ինչի՞ց,— հարցրեց սա, ավելի ու ավելի այլափոխվելով։
 +
 +
— Մեկնումեկը քսան կոպեկանոց ունի՞,— հանկարծ աթոռից վեր թռավ Իպոլիտը, կարծես նրան ձիգ տվին,— որևէ մետաղադրամ։
 +
 +
— Ահա,— անմիջապես մեկնեց Լեբեդևը. նրա գլխով մի միտք անցավ, թե հիվանդ Իպոլիտը խելագարվել է։
 +
 +
— Վերա Լուկիանովնա,— շտապ հրավիրեց Իպոլիտը,— վերցրեք, գցեք սեղանին. ղո՞ւշ է, թե գիր։ Ղուշ եղավ՝ կարդում եմ։
 +
 +
Վերան վախեցած նայեց դրամին, Իպոլիտին, հետո հորը և գլուխը մի տեսակ անհարմար վեր նետելով, կարծես այն համոզմամբ, որ իրեն պետք չէ դրամին նայել, այն նետեց սեղանին։ Ղուշը դուրս եկավ։
 +
 +
— Կարդալ,— շշնջաց Իպոլիտը, կարծես ճակատագրի վճռի տակ ճմլված. նա ավելի չէր գունաավի, եթե նրան մահվան դատավճիռ կարդային։— Սակայն,— ցնցվեց նա հանկարծ, մի կես րոպեաչափ լռելով,— սա ի՞նչ է։ Մի՞թե ես հիմա վիճակ կցեցի,— նույն հետապնդող անկեղծությամբ նայեց նա շուրջը բոլորին։— Բայց ախր սա զարմանալի հոգեբանական գիծ է,— գոչեց նա անկեղծորեն զարմացած դիմելով իշխանին...— Սա... սա անըմբռնելի գիծ է, իշխան,— հաստատեց նա աշխուժանալով ու կարծես թե սթափվելով,— սա դուք գրի առեք, իշխան, մտքներդ պահեք, չէ՞ որ դուք, կարծեմ, նյութեր եք հավաքում մահապատժի մասին․․․ ինձ ասել են, հա՜-հա՜։ Օ տեր իմ, ինչպիսի անիմաստ անհեթեթություն։— Նա նստեց բազմոցին, երկու արմունկով հենվեց սեղանին և գլուխը բռնեց։— Ախր սա նույնիսկ ամոթ է... Բայց ի՞նձ ինչ, թե ամոթ է,— գրեթե անմիջապես բարձրացրեց նա գլուխը։— Պարոնայք, պարոնայք, ես բացում եմ ծրարը,— ազդարարեց նա ինչ֊որ անակնկալ վճռականությամբ,— ես... ես, ի դեպ, չեմ հարկադրում լսել...
 +
 +
Հուզմունքից գողացող ձեռքերով նա ծրարը բացեց, այնտեղից հանեց մանր գրոտած մի քանի փոստային թղթի թերթիկ, տակը դրեց և սկսեց հարթել։
 +
 +
— Սա ի՞նչ է։ Ի՞նչ բան է այստեղ։ Ի՞նչ պիտի կարդան,— մռայլ մրթմրթում էին մի քանիսը, մյուսները լուռ էին։ Բայց բոլորը նստեցին և հետաքրքրությամբ նայում էին։ Գուցե իսկապես սպասում էին ինչ֊որ արտակարգ բանի։ Վերան կպել էր հոր աթոռին և վախից քիչ էր մնում լաց լիներ. գրեթե նույնպիսի վախի մեջ էր և Կոլյան։ Արդեն տեղավորված Լեբեդևը հանկարծ վեր բարձրացավ, ձեռքը գցեց մոմերին ու մոտեցրեց Իպոլիտին, որպեսզի ավելի լույս լինի կարդալու համար։
 +
 +
— Պարոնայք, սա... սա հիմա կտեսնեք։ թե ինչ է,— չգիտես ինչու ավելացրեց Իպոլիտը և հանկարծ սկսեց ընթերցումը,— «Անհրաժեշտ բացատրություն»։ Էպիգրաֆ՝ «Après nous le déluge!».. Թո՛ւ, գրողը տանի,— գոչեց նա կարծես այրվածք ստանալով,— մի՞թե լրջորեն ես կարող էի այսպիսի էպիգրաֆ դնել... Լսեցեք, պարոնայք... հավատացնում եմ ձեզ, որ վերջ ի վերջո այս բոլորը, գուցե, անասելի դատարկ բաներ են։ Այստեղ միայն իմ մի քանի մտքերը... եթե կարծում եք, որ այստեղ... ինչ-որ խորհրդավոր կամ... արգելված... մի խոսքով...
 +
 +
— Լավ կլիներ առանց նախաբանի կարդայիք,— ընդհատեց Գանյան։
 +
 +
— Սկսեց դեսուդեն ընկնել,— ավելացրեց մեկը։
 +
 +
— Շատ է խոսում,— հարեց ամբողջ ժամանակ լուռ նստած Ռոգոժինը։
 +
 +
Իպոլիտը հանկարծ նայեց նրան, և երբ նրանց աչքերը հանդիպեցին, Ռոգոժինը դառն ու մաղձոտ ժպտաց և դանդաղ արտասանեց տարօրինակ բառեր.
 +
 +
— Այդ ձևով չպետք է սարքել այդ գործը, տղա, ո՛չ այդ ձևով...
 +
 +
Թե ինչ էր ուզում ասել Ռոգոժինը, իհարկե, ոչ ոք չհասկացավ, բայց նրա խոսքերը բոլորի վրա բավական տարօրինակ տպավորություն գործեցին, բոլորին իր ծայրով շոշափեց մի ինլ֊որ ընդհանուր միտք։ Իսկ Իպոլիտի վրա այդ խոսքերը սարսափելի տպավորություն գործեցին. նա այնպես ցնցվեց, որ իշխանը ձեռքը մեկնեց, որ պահի նրան, և նա հավանաբար կճչար, եթե ըստ երևույթին հանկարծ ձայնը չխզվեր։ Մի ամթողջ րոպե նա չէր կարողանում բառ արտասանել և, ծանր շնչելով նայում էր Ռոգոժինին։ Վերջապեսի շնչահեղձ լինելով և արտակարգ ճիգով արտասանեց.
 +
 +
— Ուրեմն այդ դո՞ւք... դո՞ւք էիք... դո՞ւք։
 +
 +
— Ի՞նչ էի։ Ես ի՞նչ,— տարակուսանքով պատասխանեց Ռոգոժինը, բայց Իպոլիտը բռնկվելով և գրեթե կատաղությամբ, որ հանկարծակի համակեց նրան, կոպիտ ու ուժգին բղավեց.
 +
 +
— ''Դուք'' էիք եկել ինձ մոտ անցյալ շաբաթ, գիշերը, ժամը երկուսին մոտ, այն օրը, երբ ես եկել էի ձեզ մոտ առավոտյան, ''դո՜ւք''։ Խոստովանեցեք, դո՞ւք էիք։
 +
 +
— Անցյալ շաբաթ, գիշե՞րը։ Հո իսկապես խելքդ չե՞ս թռցրել, տղա։
 +
 +
«Տղան» վերստին մի րոպե լռեց, ցուցամատը ճակատին գնելով և կարծես մտմտալով, բայց նրա դալուկ, վախից առաջվա պես ծամածռված ժպիտի մեջ կարծես հանկարծ ինչ֊որ խորամանկ, նույնիսկ հաղթական բան երևաց։
 +
 +
— Այդ դուք էիք,— վերջապես կրկնեց նա, գրեթե շշուկով, բայց արտակարգ համոզվածությամբ,— ''դուք'' էիք գալիս ինձ մոտ և լուռ նստում աթոռին, լուսամուտի մոտ, մի ամբողջ ժամ, ավելի, գիշերվա ժամը մեկին ու երկուսին, դուք հետո վեր կացաք ու գնացիք ժամը երեքի կողմ... Այդ դո՛ւք էիք, դո՜ւք։ Ինչո՞ւ էիք վախեցնում ինձ, ինչո՞ւ էիք գալիս ինձ տանջելու, չեմ հասկանում, բայց այդ դո՜ւք էիք։
 +
 +
Եվ նրա դեմքին հանկարծ երևաց անասելի ատելություն, չնայած դեռ չէր դադարել վախից առաջացած նրա դողը։
 +
 +
— Դուք հիմա, պարոնայք, այդ բոլորը կիմանաք։ Ես... ես... լսեցեք...
 +
 +
նա նորից, և սաստիկ շտապելով, վերցրեց իր թերթիկները, դրանք ցրվել ու բաժան-բաժան էին եղել, նա ջանում էր դասավորել. թերթիկները դողում էին նրա դողդոջուն ձեռքերում. երկար ժամանակ նա չէր կարողանում հարմարվել։
 +
 +
Ընթերցումը, վերջապես, սկսվեց։ Սկզբում, մոտ հինգ րոպե, անսպասելի ''հոդվածի'' հեղինակը դեռ շարունակում էր շնչահեղձ լինել և կարդում էր անկապ ու անհարթ, բայց հետո նրա ձայնն ամրացավ և սկսեց լիովին արտահայտել կարդացածի իմաստը։ Միայն երբեմնակի բավական ուժեղ հազն ընդհատում էր նրան, հոդվածի կեսից սկսած նա սաստիկ խռպոտեց. կարդալու ընթացքում նրան ավելի ու ավելի տիրապետող արտակարգ ոգևորությունը, ինչպես նաև ունկնդիրների վրա թողած դրա հիվանդագին տպավորությունը վերջ ի վերջո հասավ ծայրահեղ աստիճանի։ Ահա այդ ամբողջ հոդվածը։
 +
 +
«''Իմ անհրաժեշտ բացատրությունը''»
 +
 +
«Après nous le déluge!»
 +
 +
«Երեկ առավոտ ինձ մոտ էր եկել իշխանը. ի միջի այլոց, նա ինձ համոզեց, որ տեղափոխվեմ իր ամառանոցը։ Ես այդպես էլ գիտեի, որ նա անպայման կպնդի այդ, և համոզված էի հենց ուղղակի բերնից կթռցնի, որ ամառանոցում ինձ համար «ավելի հեշտ կլինի մեռնել մարդկանց ու ծառերի մեջ», ինչպես նա է արտահայտվում։ Բայց այսօր նա չասաց ''մեռնել'', այլ ասաց «ավելի հեշտ կլինի կյանքն անցկացնել», որը, սակայն, ինձ համար գրեթե նույնն է, իմ վիճակում։ Ես նրան հարցրի, թե ի՞նչ նկատի ունի իր անվերջ «ծառերի» տակ, և ինչո՞ւ է այդպես իմ վզին փաթաթում այդ «ծառերը», և զարմանքով իմացա նրանից, որ իբր ես ինքս եմ այն երեկո արտահայտվել, թե եկել եմ Պավլովսկ, վերջին անգամ ծառերին նայելու։ Երբ նրան ասացի, թե չէ՞ որ միևնույն է մարդ ծառերի տակ կմեռնի, թե լուսամուտից իմ աղյուսներին նայելիս, և որ երկու շաբաթվա համար կարիք չկա այդպես փափկանկատ լինել, նա անմիջապես համաձայնեց. Բայց կանաչն ու մաքուր օդը, նրա կարծիքով, անպայման իմ մեջ որևէ ֆիզիկական փուիոխություն կառաջացնեն և իմ հուզմունքը և ''իմ երազները'' կփոխվեն և, կարող է պատահել, կթեթևանան։ Ես նորից ասացի նրան ծիծաղելով, որ նա խոսում է որպես մատերիալիստ։ Նա ինձ պատասխանեց իր ժպիտով, որ ինքը միշտ էլ մատերիալիստ է եղել։ Քանի որ նա երբեք չի ստում, այդ խոսքերը ինչ֊որ բան նշանակում են։ Նրա ժպիտը լավն է. ես հիմա ավելի ուշադիր դիտեցի նրան. ես չգիտեմ, հիմա սիրո՞ւմ եմ, թե չեմ սիրում նրան, հիմա ժամանակ չունեմ դրա հետևից ընկնելու։ Պետք է նշել, որ իմ հինգամսյա ատելությունը դեպի նա, վերջին ամիսն սկսել է բոլորովին հանդարտվել։ Ով գիտի, գուցե ես Պավլովսկ էի գալիս, գլխավորը, նրան տեսնելու համար։ Բայց... ինչո՞ւ էի լքում այն ժամանակ իմ սենյակը։ Մահվան դատապարտվածը չպետք է լքի իր անկյունը. և եթե հիմա վերջնական վճիռ ընդունած չլինեի, այլ ընդհակառակը, որոշած լինեի սպասել մինչև վերջին ժամը, ապա իհարկե, ոչ մի դեպքում, չէի թողնի իմ սենյակը և չէի ընդունի նրա առաջարկը՝ նրա մոտ Պավլովսկ տեղախոխվել «մահանալու»։
 +
 +
Ես պետք է շտապեմ անպայման մինչև վաղն ավարտելու այս «բացատրությունը»։ Նշանակում է ես ժամանակ չեմ ունենա վերընթերցելու և ուղղելու. կվերընթերցեմ վաղը, երբ կարդալու կլինեմ իշխանին ու մի երկու վկայի, որոնց մտադիր եմ գտնել նրա մոտ։ Քանի որ այստեղ ոչ մի հատիկ սուտ բառ չի լինի, այլ ամբողջը միայն ճշմարտություն, վերջին և հանդիսավոր, ապա ինձ համար վաղօրոք հետաքրքիր է, թե դա ինչ տպավորություն կթողնի հենց ինձ վրա այն ժամին ու այն րոպեին, երբ վերընթերցելիս կլինեմ։ Ասենք, ես իզուր գրեցի «վերջին և հանդիսավոր ճշմարտությունը» բառերը, երկու շաբաթվա համար առանց այն էլ չարժի ստել, որովհետև երկու շաբաթ ապրել չարժի, դա լավագույն ապացույցն է, որ ես լոկ ճշմարտությունը կգրեմ։ (NB։ Չմոռանամ այս միտքը. արդյոք այս րոպեիս խելագար չե՞մ ես, այսինքն՝ որոշ րոպեներ։ Ինձ հաստատապես ասել են, որ վերջին աստիճանի թոքախտավորները երբեմն առժամանակ խելագարվում են։ Սա ստուգել վաղը ընթերցելիս, ունկնդիրների վրա թողած տպավորությամբ։ Այս հարցն անպայման լուծել լիակատար ստուգությամբ, այլ կերպ չի կարելի ոչ մի բանի ձեռնարկել։
 +
 +
Ինձ թվում է, ես հիմա գրեցի սարսափելի հիմարություն. բայց ասացի, որ ուղղելու ժամանակ չունեմ, բացի այդ, ես ինձ խոսք եմ տալիս այս ձեռագրի մեջ դիտմամբ ոչ մի տող չուղղել, եթե ինքս էլ նկատելու լինեմ, որ ամեն հինգ տողը մեկ ինքս ինձ հակասում եմ։ Ես հենց ուզում եմ վաղը ընթերցման ժամանակ որոշել, թե արդյոք ճի՞շտ է իմ մտքի տրամաբանական ընթացքը, արդյոք նկատո՞ւմ եմ իմ սխալները, և նշանակում է, արդյոք ճի՞շտ է այն ամենը, որ ես այս սենյակում մտորել եմ այս վեց ամիսը, թե լոկ զառանցանք է։
 +
 +
Եթե դեռ երկու ամիս առաջ ես առիթ ունենայի, ինչպես հիմա, բոլորովին թողնել սենյակս և հրաժեշտ տալ Մեյերի պատին, ապա, համոզված եմ, կտխրեի։ Այնինչ հիմա, ոչինչ չեմ զգում, մինչդեռ վաղը թողնում եմ թե սենյակը, թե պատը, ''առհավե՜տ''։ Նշանակում է իմ համոզմունքը, թե երկու շաբաթվա համար արդեն չարժե ափսոսալ կամ անձնատուր լինել որևէ զգացողությունների, հաղթահարել է իմ բնությունը և արդեն կարող է հրամայել իմ բոլոր զգացմունքներին։ Բայց արդյոք ճի՞շտ է սա։ Արդյոք ճի՞շտ է, որ հիմա իմ բնությունը բոլորովին հաղթված է։ Եթե հիմա ինձ սկսեին խոշտանգել, հավանաբար ես սկսեի բղավել ու չէի ասի, թե չարժի բղավել ու ցավ զգալ, որովհետև ընդամենը երկու շաբաթ է մնացել ապրելու։
 +
 +
Բայց արդյոք ճի՞շտ է այն, որ ինձ միայն երկու շաբաթ է մնացել ապրելու, և ոչ թե ավելի։ Այն ժամանակ Պավլովսկում ես ստեցի. Բ֊ն ինձ ոչինչ չէր ասել և երբեք չէր տեսել ինձ. բայց մոտ մի շաբաթ առաջ ինձ մոտ էին բերել ուսանող Կիսլորոդովին, իր համոզմունքներով նա մատերիալիստ է, աթեիստ ու նիհիլիստ, ահա թե ինչու ես հենց նրան կանչեցի. ինձ հարկավոր էր մի մարդ, որ վերջապես ինձ մերկ ճշմարտությունն ասեր, առանց քնքշությունների ու փափկանկատության։ Նա այդպես էլ արավ, և ոչ միայն պատրաստակամությամբ ու առանց փափկանկատության, այլ նույնիսկ ակներև բավականությամբ (որը, իմ կարծիքով արդեն ավելորդ էր)։ Նա ուղղակի երեսիս շրխկացրեց, թե ինձ մնացել է մոտ մի ամիս, կարող է պատահել, մի քիչ ավելի, եթե լավ հանգամանքներ լինեն, բայց, կարող է պատահել, որ նույնիսկ շատ ավելի շուտ մեռնեմ։ Նրա կարծիքով, ես կարող եմ մեռնել նաև հանկարծակի, նույնիսկ, օրինակ, վաղը. այդպիսի փաստեր եղել են, և ընդամենը երեք օր առաջ մի երիտասարդ տիկին, թոքախտավոր և նույն վիճակում, ինչպես իմն է, Կոլոմնայում, պատրաստվում էր շուկա գնալ մթերքներ գնելու, բայց հանկարծ իրեն վատ է զգացել, պառկել է բազմոցին, հոգոց հանել ու մեռել։ Այդ բոլորը Կիսլորոդովն ինձ հայտնեց նույնիսկ անզգայության ու անզգուշության որոշ պճնամոլությամբ, և կարծես թե դրանով ինձ պատիվ էր անում, այսինքն՝ դրանով ցույց էր տալիս, որ ինձ ընդունում է որպես նույնպիսի ամեն ինչ ժխտող բարձրագույն էակ, ինչպիսին նա ինքն է, որի համար, հասկանալի է, մեռնելը ոչինչ չարժե։ Վերջ ի վերջո համենայն դեպս որոշված փաստ է՝ մի ամիս և բոլորովին ոչ ավելի։ Որ նա չի սխալվել դրանում, ես միանգամայն համոզված եմ։
 +
 +
Ինձ շատ զարմացրեը, թե իշխանը այն ժամանակ ինչի՞ց հասկացավ այդպես, որ ես «վատ երազներ» եմ տեսնում. նա տառացիորեն ասաց, որ Պավլովսկում «իմ հուզմունքն ու ''երազները''» կփոխվեն։ Եվ այդ ինչո՞ւ երազները։ Նա կամ բժիշկ է, կամ իրոք արտասովոր խելքի տեր և կարողանում է շատ բաներ կռահել։ (Բայց որ նա վերջ ի վերջո «ապուշ» է, դրանում ոչ մի կասկած)։ Հակառակի պես, նրա գնալուց անմիջապես առաջ ես մի լավիկ երազ էի տեսել (ի դեպ, այնպիսիներից, որոնք հիմա ես տեսնում եմ հարյուրներով)։ Ես քնեցի,— կարծում եմ, նրա գալուց մի ժամ առաջ,— և տեսա, որ մի սենյակում եմ (բայց ոչ իմ)։ Սենյակը իմից մեծ ու բարձր էր, ավելի լավ կահավորված, լուսավոր, պահարան, կոմոդ, բազմոց և իմ մահճակալը, մեծ ու լայն, ծածկված կանաչ մետաքսե թափկարած վերմակով։ Բայց այդ սենյակում ես տեսա մի սարսափելի կենդանի, ինչ-որ հրեշ։ Նա նման էր կարիճի, բայց կարիճ չէր, այլ ավելի նողկալի և շատ ավելի սարսափելի, և, կարծես, հենց նրանով, որ բնության մեջ այդպիսի կենդանիներ չկան, և որ դա ''դիտմամբ'' էր հայտնվել ինձ մոտ, և որ իբր թե դրանում ինչ-որ գաղտնիք կար։ Ես նրան շատ լավ կարողացա տեսնել, նա դարչնագույն է և պատենավոր, մոտ չորս վերջոկ երկարությամբ սողուն, գլխի կողմում երկու մատի հաստությամբ, պոչի կողմում աստիճանաբար բարակում է, այնպես որ պոչի բուն ծայրը վերջոկի մեկ տասներորդականից ավելի հաստ չէ։ Գլխից մի վերջոկ ցած, քառասունհինգ աստիճանի անկյան տակ իրանից դուրս են դալիս երկու թաթ, ամեն կողմից մեկական, մոտ երկուական վերջոկ երկարությամբ, այնպես որ ամբողջ կենդանին, եթե վերևից նայելու լինես, պատկերացնում է եռաժանիի նման մի բան։ Գլուխը լավ չկարողացա տեսնել, բայց տեսա երկու բեղիկ, ոչ երկար, երկու ամուր, ասեղի նման, նույնպես դարչնագույն։ Նույնպիսի երկու բեղիկ պոչի ծայրին և երկու թաթերից յուրաքանչյուրի ծայրին, ընդամենը, նշանակում է, ութ բեղիկ։ Կենդանին շատ արագ վազվզում էր սենյակում, հենվելով թաթերին ու պոչին, և երբ վազում էր, ապա թե՛ իրանը, թե՛ թաթերը օձիկների պես գալարվում էին, արտասովոր արագությամբ, չնայած պատյանին, և շատ զզվելի էր դրան նայելը։ Ես շատ էի վախենում, որ նա ինձ կխայթի, ինձ ասել էին, որ դա թունավոր է, բայց ամենից շատ ես տանջվում էի նրանից, թե ո՞վ էր դրան ուղարկել իմ սենյակը, ինձ ի՞նչ են ուզում անել և այստեղ ինչումն է գաղտնիքը։ Կենդանին թաքնվում էր կոմոդի տակ, պահարանի տակ, սողում էր անկյունները։ Ես աթոռին նստեցի ոտներս վեր քաշած և ծալապատիկ։ Նա շեղակի կտրեց անցավ ամբողջ սենյակը և անհայտացավ ուր֊որ իմ աթոռի մոտերքը։ Ես սարսափած շուրջս էի նայում, բայց քանի որ նստած էի ոտներս տակս դրած, հույս ունեի, որ նա սողալով չի բարձրանա աթոռին։ Հանկարծ հետևից համարյա գլխիս մոտ լսեցի ինչ-որ ճարճատող շրշյուն. ես շուռ եկա և տեսա, որ զեռունը սողում է պատով և հավասարվել է գլխիս և նույնիսկ քսվում է մազերիս իր պոչով, որն արտակարգ արագությամբ պտտվում ու գալարվում էր։ Ես վեր թռա, չքացավ և կենդանին։ Ես վախենում էի մահճակալին պառկել, որ նա էլ բարձիս տակ չսողա։ Սենյակ եկան մայրս և նրա ինչ-որ մի ծանոթը։ Նրանք սկսեցին որսալ սողունին, բայց ավելի հանգիստ էին, քան ես, և նույնիսկ չէի վախենում։ Բայց նրանք ոչինչ չէին հասկանում։ Հանկարծ զեռունը նորից դուրս սողաց. նա այս անգամ սողում էր շատ կամացուկ և կարծես թե ինչ-որ հատուկ մտադրությամբ, դանդաղ գալարվելով, որն ավելի նողկալի էր, նորից շեղակի կտրելով սենյակը, դեպի դուռը։ Այստեղ մայրս դուռը բացեց ու կանչեց Նորմային՝ մեր շանը, որ մի հսկա տերնյոֆ է, սև ու փրչոտ, հինգ տարի առաջ սատկել է։ Նա սենյակ նետվեց և քարացած կանգնեց սողունի վերև։ Կանգ առավ և սողունը, բայց դեռ շարունակելով գալարվել և թաթերի ու պոչի ծայրով հատակը մտրակել։ Եթե չեմ սխալվում, կենդանիները չեն կարող միստիկական սարսափ զգալ. բայց այդ րոպեին ինձ թվաց, որ Նորմայի սարսափի մեջ ինչ-որ շատ արտասովոր բան կար, կարծես թե նույնպես գրեթե միստիկական, և որ նա, նշանակում է, նույնպես նախազգում էր, ինչպես ես, որ գազանի մեջ մի ճակատագրական բան կա և ինչ֊որ գաղտնիք։ Նա դանդաղ ետ֊ետ էր քաշվում սողունի առջևից, որը կամացուկ ու դանդաղ սողում էր դեպի Նորման. նա կարծես ուզում էր հանղարծ նետվել նրա վրա ու խայթել։ Բայց, չնայած իր ամբողջ վախին, Նորման նայում էր սաստիկ չարացած, թեև ամբողջ մարմնով դողում էր։ Հանկարծ նա դանդաղ ցցեց իր արսափելի ատամները, բացեց իր ամբողջ հսկայական երախը, հարմարվեց, հնարք գտավ, վճռեց և հանկարծ ատամներով բռնեց սողունին։ Ըստ երևույթին սողունը սաստիկ ցնցվեց, որպեսզի դուրս պրծնի, այնպես որ Նորման մի անգամ էլ բռնեց նրան արդեն օդի մեջ և երկու անգամ ամբողջ երախով ներս քաշեց իր մեջ, շարունակ օդի մեջ, ասես կուլ տալիս լիներ. պատյանը ճրթճրթաց նրա ատամների տակ. կենդանու պոչուկն ու թաթերը, որ դուրս էին եկել Նորմայի երախից, սարսափելի արագությամբ շարժվում էին։ Հանկարծ Նորման խղճալի վնգստաց. սողունը համենայն դեպս հասցրել էր խայթել նրա լեզուն։ Վնգստոցով ու ոռնոցով Նորման ցավից բացեց բերանը, և ես տեսա, որ կրծոտած սողունը դեռ լայնակի շարժվում էր նրա բերանում, իր կիսաճղմված մարմնից նրա լեզվի վրա բաց թողնելով ճզմված սև ուտիճի հյութի նման մեծ քանակությամբ սպիտակ հյութ... Ես այստեղ զարթնեցի, և ներս մտավ իշխանը»։
 +
 +
— Պարոնայք,— ասաց Իպոլիտը, հանկարծ ընդհատելով կարդալը և նույնիսկ համարյա ամաչած,— ես չեմ վերընթերցել, բայց կարծես, իրոք շատ ավելորդ բաներ եմ գրել։ Այս երազը...
 +
 +
— Ճիշտ որ կան,— շտապեց վրա բերել Գանյան։
 +
 +
— Այստեղ չափազանց շատ անձնական բաներ կան, համաձայն եմ, այսինքն, իսկապես ասած, իմ մասին...
 +
 +
Այս ասելիս Իպոլիտը հոգնած ու թուլացած տեսք ուներ և թաշկինակով սրբում էր ճակատի քրտինքը։
 +
 +
— Այո֊ո, չափից ավելի եք հետաքրքրվում սեփական անձով,— ֆշշացրեց Լեբեդևը։
 +
 +
— Ես, պարոնայք, ոչ ոքի չեմ հարկադրում, դարձյալ կրկնում եմ, ով չի ուզում, կարող է հեռանալ։
 +
 +
— Վռնդում է... ուրիշի տնից,— հազիվ լսելի փնթփընթաց Ռոգոժինը։
 +
 +
— Իսկ եթե հանկարծ բոլորս վեր կենանք ու գնա՞նք,— անակնկալ ասաց Ֆերդիշչենկոն, որն, ի դեպ, մինչև հիմա չէր համարձակվում բարձրաձայն խոսել։
 +
 +
Իպոլիտը հանկարծ աչքերը խոնարհեց ու կառչեց ձեռագրից. բայց նույն վայրկյանին նորից գլուխը բարձրացրեց և, աչքերը փայլեցնելով, այտերին երկու բոսորագույն բիծ, շեշտակի նայելով Ֆերդիշչենկոյին, ասաց.
 +
 +
— Դուք ինձ բոլորովի՜ն չեք սիրում։
 +
 +
Լսվեց ծիծաղ, բայց մեծ մասը չէր ծիծաղում։ Իպոլիտը սաստիկ կարմրեց։
 +
 +
— Իպոլիտ,— ասաց իշխանը,— ծածկեք ձեր ձեռագիրը և տվեք ինձ, իսկ ինքներդ պառկեցեք քնելու այստեղ, իմ սենյակում։ Մենք կզրուցենք քնելուց առաջ և վաղը. բայց պայմանով, որ այլևս երբեք բաց չանեք այս թերթերը։ Ուզո՞ւմ եք։
 +
 +
— Մի՞թե դա հնարավոր է,— նրան նայեց Իպոլիտը ուղղակի զարմացած։— Պարոնա՛յք,— բղավեց նա, վերստին տենդոտ աշխուժությամբ,— հիմար միջադեպ, որում ես չկարողացա ինձ պահել ինչպես հարկն է։ Այլևս չեմ ընդհատի ընթերցումը։ Ով ուզում է լսել, թող լսի...
 +
 +
Նա արագ մի կում ջուր խմեց բաժակից, արմունկները արագ հենեց սեղանին, որպեսզի թաքնվի հայացքներից, և համառորեն շարունակեց ընթերցումը։ Ասենք, ամոթը շուտով անցավ...
 +
 +
«Այն միտքը (շարունակեց նա կարդալ), թե չարժե ապրել մի քանի շաբաթ, իսկապես ինձ համակեց, կարծում եմ, մոտ մի ամիս առաջ, երբ դեռ ինձ մնում էր ապրելու չորս շաբաթ, բայց բոլորովին տիրապետեց ինձ ընդամենը երեք օր առաջ, երբ վերադարձա Պավլովսկի այն երեկոյից հետո։ Այդ մտքով լիովին, անմիջականորեն տոգորվելու առաջին պահը տեղի ունեցավ իշխանի պատշգամբում, հենց այն ակնթարթին, երբ մտածեցի կյանքի վերջին փորձն անել, ուզում էի տեսնել մարդկանց ու ծառերը (թող դա ես ինքս ասած լինեմ), տաքանում էի, պնդում Բուրդովսկու, «իմ մերձավորի», իրավունքը, և երազում էի, թե նրանք բոլորը հանկարծ բաց կանեն թևերը և ինձ կընդունեն իրենց գիրկը, և ինչ-որ բանի համար ինձնից ներողություն կխնդրեն, իսկ ես՝ նրանցից. մի խոսքով, ես վերջացրի ապաշնորհ հիմարի պես։ Եվ ահա հենց այն ժամերին էլ իմ մեջ բռնկվեց «վերջին համոզմունքը»։ Հիմա զարմանում եմ, թե ինչպես կարող էի ամբողջ վեց ամիս ապրել առանց այդ «համոզմունքի»։ Ես հաստատ գիտեի, որ թոքախտ ունեմ, և անբուժելի, ես ինձ չէի խաբում և պարզ հասկանում էի բանը։ Բայց որքան ավելի պարզ էի հասկանում, այնքան ավելի տենդագին ուզում էի ապրել. ես կառչում էի կյանքից և ուզում էի ապրել ինչ գնով ուզում է լինի։ Համաձայն եմ, որ այն ժամանակ ես կարող էի չարանալ խավար ու խուլ վիճակի վրա, որը կարգադրել էր ինձ ճանճի պես ճզմել և, իհարկե, չիմանալով, թե ինչու. բայը ինչո՞ւ ես բանը չվերջացրի միայն չարությամբ։ Ինչո՞ւ իսկապես ''սկսում էի'' ապրել, գիտենալով, որ ես արդեն չեմ կարող սկսել, փորձում էի, գիտենալով, որ արդեն փորձելու բան չունեմ։ Այնինչ ես արդեն նույնիսկ գիրք կարդալ չէի կարող և դադարեցի կարդալուց. ի՞նչ կարիք կա կարդալ, ի՞նչ կարիք կա իմանալ վեց ամսվա համար։ Այդ միտքը հաճախ ինձ հարկադրում էր գիրքը մի կողմ նետել։
 +
 +
Այո, Մեյերի այդ պատը շա՜տ բան կարող է պատմել։ Շատ բան եմ գրանցել նրա վրա։ Չկար մի բիծ այդ կեղտոտ պատի վրա, որն անգիր չիմանայի։ Անիծյա՜լ պատ։ Բայց և այնպես այդ ինձ համար ավելի թանկ է Պավլովսկի բոլոր ծառերից, այսինքն՝ պետք է որ ամեն ինչից թանկ լիներ, եթե հիմա միևնույն չլիներ ինձ համար։
 +
 +
Մտաբերում եմ հիմա, թե այն ժամանակ ինչպիսի ագահ հետաքրքրությամբ սկսեցի հետևել ''նրանց'' կյանքին. այդպիսի հետաքրքրություն առաջ չէր լինում։ Ես անհամբերությամբ, երբեմն նախատինքով սպասում էի Կոլյային, երբ ինքս այնքան հիվանդ էի լինում, որ սենյակից չէի կարողանում դուրս գալ։ Ես այն աստիճան թափանցում էի բոլոր մանրուքների մեջ, հետաքրքրվում բոլոր լուրերով, որ կարծեմ, բամբասող դարձա։ Օրինակ, ես չէի հասկանում, թե ինչպես այդ մարդիկ, այդքան կյանք ունենալով, չեն կարողանում հարուստ դառնալ (ասենք, հիմա էլ չեմ հասկանում)։ Ես ճանաչում էի մի աղքատի, որի մասին ինձ հետո պատմում էին, որ նա քաղցից մեռավ, և, հիշում եմ, դա ինձ հավասարակշռությունից հանեց, եթե կարելի լիներ այդ աղքատին կենդանացնել, կարծում եմ, նրան մահապատժի կենթարկեի։ Երբեմն ամբողջ շաբաթներով վիճակս թեթևանում էր, և ես կարող էի փողոց դուրս գալ, բայց վերջապես փողոցն սկսեց իմ մեջ այնպիսի չարություն առաջացնել, որ ես դիտմամբ ամբողջ օրերով նստում էի փակված, թեև կարող էի դուրս գալ, ինչպես և բոլորը։ Ես տանել չէի կարող այդ վազվզող, աճապարող, շարունակ մտահոգ, մռայլ ու անհանգստացած ժողովուրդը, որն իմ մոտով այս ու այն կողմ էր գնում մայթերով։ Ինչի՞ համար են նրանց մշտական տխրությունը, մշտական տագնապն ու իրարանցումը. նրանց մշտական մռայլ չարությունը (որովհետև նրանք չա՛ր են, չա՛ր, չա՛ր)։ Ո՞վ է մեղավոր, որ նրանք դժբախտ են և ապրել չեն իմանում, իրենց առջևում ունենալով վաթսունական տարի կյանք։ Ինչո՞ւ Զարնիցինը իրեն թույլ ավեց քաղցից մեռնել, իր աոջևում ունենալով վաթսուն տարի։ Եվ ամեն մեկը ցույց է տալիս իր ցնցոտին, իր բանվորական ձեռքերը, չարանում է ու բղավում. «Մենք եզան պես աշխատում ենք, մենք չարչարվում ենք, մենք շան պես քաղցած ենք ու աղքա՜տ։ Ուրիշները ոչ աշխատում են, ոչ չարչարվում, բայց նրանք հարո՜ւստ են»։ (Հավիտենակա՜ն կրկներգ)։ Նրանց հետ կողք֊կողքի առավոտից մինչև գիշեր վազվզում ու իրար է անցնում դժբախտ ճլեզի մեկը «ազնվածիններից», Իվան Ֆոմիչ Սուրիկովը, մեր տանը, մեր վերևն է ապրում, միշտ արմունկները քրքրված, կոճակները պոկոտված, զանազան մարդկանց մոտ մանր գործեր է կատարում որևէ մեկի հանձնարարությամբ, և այն էլ առավոտից մինչև գիշեր։ Խոսքի բռնվեցեք նրա հետ՝ «աղքատ է, չքավոր ու չունևոր, կինը մեռել է, դեղ գնելու փող չի եղել, իսկ ձմեռը սառեցրել են երխային. մեծ աղջիկը պահանույշ է դարձել...» — շարունակ նվնվում է, շարունակ լա՜ց ՛է լինում։ Օ, ոչ մի, ոչ մի խղճահարություն չի եղել մեջս դեպի այդ հիմարները, ոչ հիմա, ոչ առաջ, ես դա հպարտությամբ եմ ասում։ Իսկ ինչո՞ւ նա ինքը Ռոտշիլդ չի։ Ո՞վ է մեղավոր, որ նա Ռոտշիլդի պես միլիոններ չունի, որ նա ոսկե իմպերիալների ու նապոլեոնդորների սար չունի, այնպիսի սար, ճիշտ նույնպիսի բարձր սար, ինչպես լինում է բարեկենդանին բալագաններում։ Եթե նա ապրում է, նշանակում է ամեն ինչ իր ձեռքին է։ Ո՞վ է մեղավոր, որ նա այդ բանը չի հասկանում։
 +
 +
Օ, հիմա արդեն ինձ համար միևնույն է, հիմա արդեն ես ժամանակ չունեմ չարանալու, բայց այն ժամանակ, այն ժամանակ, կրկնում եմ, կատաղությունից ես գիշերները տառացիորեն կրծում էի բարձս և պատառոտում վերմակս։ Օ, ինչպե՜ս երազում էի այն ժամանակ, ինչպես ուզում էի, ինչպես դիտմամբ ուզում էի, որ ինձ, տասնութամյա պատանուս՝ հազիվ հագնված, հազիվ մերկությունս ծածկած, հանկարծ փողոց վռնդեին և թողնեին բոլորովին մենակ, առանց բնակարանի, առանց աշխատանքի, առանց մի կտոր հացի, առանց ազգականների, առանց մի հատիկ ծանոթ մարդու՝ վիթխարի քաղաքում, քաղցած, ծեծված (ավելի՜ լավ), բայց առողջ, և այդտեղ ես ցույց կտայի...
 +
 +
Ի՞նչ ցույց կտայի։
 +
 +
Օ, մի՞թե կարծում եք, որ ես չգիտեմ, թե առանց այդ էլ արդեն ինչպես ստորացրի ինքս ինձ իմ «բացատրությամբ»։ Դե ո՞վ չի համարի ինձ կյանքը չճանաչող մի ճլեզ, մոռանալով, որ ես արդեն տասնութ տարեկան չեմ. մոռանալով, որ ապրել այնպես, ինչպես ես եմ ապրել այս վեց ամիսը, նշանակում է ծերության հասնել։ Բայց թող ծիծաղեն ու ասեն, թե այս բոլորը հեքիաթներ են։ Ես իրոք էլ ինձ հեքիաթներ էի պատմում։ Ես դրանցով լցնում էի իմ ողջ գիշերը։ Ես հիմա դրանք բոլորը հիշում եմ։
 +
 +
Բայը մի՞թե հիմա պիտի վերապատմեմ դրանք, հիմա, երբ արդեն ինձ համար էլ անցել է հեքիաթների ժամանակը։ Եվ ո՞ւմ պատմեմ։ Չէ՞ որ դրանցով ես զվարճանում էի այն ժամանակ, երբ պարզ տեսնում էի, որ ինձ արգելվում է ուսումնասիրել նույնիսկ հունական քերականությունը, և հենց այդ ժամանակ մտքովս անցավ «դեռ շարահյուսությանը չհասած՝ կմեռնեմ», մտածեցի ես առաջին էջից և գիրքը նետեցի սեղանի տակ։ Նա հիմա էլ այնտեղ ընկած է։ Ես Մատրյոնային արգելել եմ վերցնել։
 +
 +
Թող նա, ում ձեռքը կընկնի «Բացատրությունս», և ով համ թերություն կունենա կարդալու, ինձ համարի խելագար, կամ նույնիսկ գիմնազիստ, իսկ ամենից ճիշտը՝ մահվան դատապարտված, որին սկսել են բնական թվալ, որ բացի իրենից, բոլոր մարդիկ չափազանց քիչ են արժեք տալիս կյանքին, սովորություն են դարձրել չափազանց էժան վատնել այն, չափազանց ծուլորեն, չափազանց անխղճորեն են օգտվում նրանից, և ուրեմն, բոլորը մինչև վերջինը արժանի չեն դրան։ Եվ ի՞նչ։ Ես հայտարարում եմ, որ իմ ընթերցողը կսխալվի և որ իմ համոզմունքը բոլորովին անկախ է իմ մահապարտությունից։ Հարցրեք, հարցրեք նրանց միայն, թե նրանք բոլորը մինչև վերջինը ինչպես են հասկանում, թե ինչո՞ւմն է երջանկությունը։ Օ, համոզված եղեք, որ Կոլումբոսը երջանիկ էր ոչ այն ժամանակ, երբ հայտնագործեց Ամերիկան, այլ երբ հայտնագործում էր այն. համոզված եղեք, որ նրա երջանկության ամենաբարձր պահը, կարող է պատահել, նոր աշխարհը հայանագործելուց երեք օր առաջ էր, երբ խռովություն բարձրացրած անձնակազմը հուսահատության գիրկն ընկած, քիչ էր մնում նավը ետ շրջեր դեպի Եվրոպա։ Բանն այստեղ Նոր Աշխարհը չէ, թեկուզ նա կործանվելու լիներ։ Կոլումբոսը մեռավ, համարյա առանց տեսնելու այն և ըստ էության չիմանալով, թե ինչ է հայտնագործել ինքը։ Բանը կյանքն է, միայն կյանքը, նրա հայտնագործման անընդհատ ու մշտական պրոցեսը և բոլորովին էլ ոչ բուն հայտնագործումը։ Բայց ի՜նչ ասեմ։ Ես կասկածում եմ, որ այն ամենը, ինչ հիմա ասում եմ, այնպես նման է ամենաընդհանուր ֆրազների, որ հավանաբար ինձ կհամարեն «արևի ծագման» մասին իր շարադրությունը ներկայացնող ստորին դասարանի աշակերտ կամ կասեն, որ ես գուցե և ուզում էի ինչ-որ բան ասել, բայց իմ ամբողջ ցանկությամբ հանդերձ չեմ կարողացել... «ծավալվել»։ Սակայն, ավելացնեմ, որ որևէ մեկի գլխում ծագած մարդկային ամեն մի հանճարեղ կամ նոր մտքի մեջ, կամ նույնիսկ ուղղակի ամեն մի լուրջ մարդկային մտքի մեջ, միշտ մնում է մի այնպիսի բան, որը ոչ մի կերպ չի կարելի հաղորդել ուրիշ մարդկանց, թեկուզև գրելու լինեիք ամբողջ հատորներ և ձեր միտքը բացատրեիք երեսունհինգ տարի, միշտ կմնա մի բան, որը ոչ մի գնով չի ուզենա դուրս գալ ձեր գանգի տակից և առհավետ կմնա ձեզ մոտ. դրա հետ էլ կմեռնեք, առանց որևէ մեկին հաղորդելու ձեր մտքում եղածից, գուցե, ամենակարևորը։ Բայց եթե հիմա ես էլ չկարողացա հաղորդել այն ամենը, ինչ ինձ տանջել է այս վեց ամիսը, ապա գոնե կհասկանան, որ հասնելով իմ այժմյան «վերջին համոզմունքին», թերևս ես շատ թանկ եմ վճարել դրա համար, ահա հենց այս էի անհրաժեշտ համարում, ինձ հայտնի նպատակների համար, ի ցույց հանել իմ «բացատրության» մեջ։
 +
 +
Սակայն շարունակում եմ»։
 +
 +
=== VI ===
 +
 +
«Չեմ ուզում ստել. այս վեց ամսում իրականությունը ինձ էլ իր ճանկն էր գցում և երբեմն այն աստիճան հափշտակում, որ ես մոռանում էի իմ դատավճռի մասին կամ, ավելի ճիշտ, չէի ուզում դրա մասին մտածել և նույնիսկ գործեր էի անում։ Ի դեպ, այն ժամանակվա իմ հանգամանքների մասին, երբ մոտ ութ ամիս առաջ ես արդեն շատ հիվանդ էի, ապա դադարեցրի իմ բոլոր հարաբերությունները և թողեցի իմ բոլոր նախկին ընկերներին։ Քանի որ ես միշտ էլ բավական մռայլ մարդ եմ եղել, ապա ընկերներս հեշտությամբ մոռացան ինձ. իհարկե, նրանք ինձ կմոռանային նաև առանց այդ հանգամանքի։ Տանը, այսինքն՝ «ընտանիքում», ես նույնպես մեկուսացած վիճակում էի։ Մոտ հինգ ամիս աոաջ ես մեկընդմիշտ ներսից փակվեցի և ինձ բոլորովին բաժանեցի ընտանիքի սենյակներից։ Ինձ միշտ հնազանդվում էին, և ոչ ոք չէր համարձակվում մտնել ինձ մոտ, բացի որոշակի ժամից, սենյակը հավաքելու և ինձ ճաշ բերելու։ Մայրս դողում էր իմ հրամանների առաջ և նույնիսկ չէր համարձակվում իմ ներկայությամբ նվնվալ, երբ երբեմն որոշում էի նրան ներս թողնել մոտս։ Իմ պատճառով միշտ ծեծում էր երեխաներին, որպեսզի չաղմկեին և ինձ չանհանգստացնեին. ես շատ հաճախ էի գանգատվում նրանց աղմուկից. հենց այդ է, որ երևի, հիմա սիրո՜ւմ են ինձ։ «Հավատարիմ Կոլյային», ինչպես կոչել եմ նրան, կարծում եմ, նույնպես կարգին տանջել եմ։ Վերջին ժամանակ նա էլ ինձ է տանջել. այդ բոլորը բնական է եղել, մարդիկ հենց ստեղծված են, որ իրար տանջեն։ Բայց ես նկատել եմ, որ նա իմ գրգռվածությունը հանդուրժում է այնպես, կարծես նախօրոք խոսք է տվել խնայել հիվանդին։ Բնական է, դա ինձ գրգռում էր, բայց, կարծես, նրա խելքին փչել է «քրիստոնեական խոնարհությամբ» ընդօրինակել իշխանին, որը արդեն մի քիչ ծիծաղելի էր։ Նա ջահել ու տաքարյուն տղա է և, իհարկե, ամեն ինչ ընդօրինակում է, բայց երբեմն ինձ թվում էր, թե ժամանակն է, որ նա իր խելքով ապրի։ Ես նրան շատ եմ սիրում։ Ես տանջում էի նաև մեր վերևում ապրող և առավոտից մինչև գիշեր ուրիշների հանձնարարությամբ դեսուդեն վազվզող Սուրիկովին. ես շարունակ ապացուցում էի նրան, որ նա ինքն է մեղավոր իր աղքատության համար, այնպես որ նա վերջապես վախեցավ և դադարեց ինձ մոտ գալուց։ Նա շատ հեզ մարդ է, հեզագույն արարած (NB։ Ասում են, խոնարհությունը անասելի ուժ է, այդ մասին պետք է իմանալ իշխանից, դա նրա սեփական արտահայտությունն է), բայց երբ ես, մարտ ամսին, վերև բարձրացա նրա մոտ, որպեսզի, նրա խոսքերով ասած, տեսնեի, թե ինչպես են «սառեցրել» երեխային, և անզգուշաբար քմծիծաղ տվի նրա մանկան դիակի վրա, որովհետև նորից սկսեցի բացատրել Սուրիկովին, որ նա «ինքն է մեղավոր», ապա հանկարծ այդ ճլեզի շրթունքներն սկսեցին դողալ, և նա, մի ձեռքով ուսիցս բռնած, մյուսով ինձ ցույց տվեց դուռը և կամացուկ, այսինքն՝ համարյա շշուկով, ասաց. «Դուրս գնացեք»։ Ես դուրս գնացի, և դա ինձ շատ դուր եկավ, դուր եկավ հենց այն ժամանակ, նույնիսկ հենց այն րոպեին, երբ ինձ դուրս էր անում, բայց հետո, վերհիշելիս, շատ երկար ժամանակ նրա խոսքերը ինձ վրա ինչ-որ տարօրինակ, դեպի նա արհամարհական խղճահարության ծանր տպավորություն էին գործում, որը ես բնավ չէի ցանկանա զգալ։ Նույնիսկ այդպիսի վիրավորանքի րոպեին (չէ՞ որ ես զգում եմ, որ նրան վիրավորեցի, թեև այդպիսի մտադրություն չունեի), նույնիսկ մի այդպիսի՜ րոպեի այդ մարդը չէր կարողանում զայրանալ։ Այն ժամանակ նրա շրթունքները դողդողացին ամենևին էլ ոչ զայրույթից, երդվում եմ. նա ձեռքիցս բռնեց և իր հոյակապ «դո՛ւրս գնացեք»-ը արտասանեց բոլորովին առանց բարկության։ Արժանապատվություն կար, նույնիսկ շատ, նույնիսկ նրան բոլորովին ոչ սազական (այնպես որ, ճիշտն ասած, այդտեղ նաև կոմիկական շատ բան կար), բայց չարություն չկար։ Կարող է պատահել, որ նա ուղղակի հանկարծ սկսեց արհամարհել ինձ։ Այն ժամանակից ի վեր, երկու-երեք անգամ, երբ նրան հանդիպում էի սանդուղքի վրա, նա հանկարծ սկսեց իմ առաջ գլխարկը հանել, մի բան, որ առաջ երբեք չէր անում, բայց արդեն կանգ չէր առնում առաջվա պես, այլ շփոթված արագ, անցնում էր կողքովս։ Եթե անգամ նա ինձ արհամարհում էր, ապա այնուամենայնիվ՝ յուրովի. նա «''խոնարհաբար'' էր արհամարհում»։ Բայց կարող է պատահել, նա գլխարկը հանում էր ուղղակի վախից, որպես իր վարկատուի որդու, որովհետև նա շարունակ պարտք է մորս և ոչ մի կերպ չի կարողանում պարտքերի տակից դուրս գալ։ Եվ նույնիսկ ամենից հավանականն այդ է։ Ես ուզում էի նրա հետ բացատրվել, և հաստատ գիտեմ, որ նա տասը րոպեից հետո կսկսեր ինձնից ներողություն խնդրել, բայց մտածեցի, որ ավելի լավ է հանգիստ թողնել նրան։
 +
 +
Հենց այդ ժամանակ, այսինքն՝ մոտավորապես այն ժամանակ, երբ Սուրիկովը «սառեցրել էր» երեխային, մոտավորապես մարտի կեսերին, չգիտես ինչու ես հանկարծ սկսեցի շատ ավելի լավ զգալ ինձ, և այդպես շարունակվում էր մի երկու շաբաթ։ Ես սկսեցի դուրս գալ մեծ մասամբ մթնշաղի կողմ։ Ես սիրում էի մարտյան մթնշաղները, երբ սկսում էր սառսռոցը և երբ վառում էին գազը, գնում էի երբեմն հեռու։ Մի անգամ, Շեստիլավոչնայայում խավարի մեջ հետևիցս հասավ ու անցավ «ազնվածիններից» ինչ֊որ մեկը, նրան կարգին չտեսա, նա թղթով փաթաթած մի բան էր տանում, և հագին մի նեղլիկ, այլանդակ, եղանակին անհամապատասխան բարակ վերարկու էր։ Երբ նա հավասարվեց լապտերին, ինձնից տասը քայլ առաջ, նկատեցի, որ նրա գրպանից մի բան ընկավ։ Ես շտապեցի վերցնել, և ժամանակն էր, որովհետև, երկար կաֆտանավոր մեկը արդեն մոտ թռավ, բայց իրը տեսնելով ձեռքիս, վեճ չսկսեց, թռուցիկ նայեց ձեռքերիս ու սահեց անցավ։ Այդ իրը մեծ, սեկե, հնաձև ու լիքը լցրած դրամապանակ էր, բայց չգիտես ինչու ես առաջին իսկ հայացքից հասկացա, որ նրանում ինչ ասես կա, միայն թե ոչ փող։ Կորցնող անցորդը արդեն քայլում էր ինձնից քառասուն քայլ այն կողմ և շուտով ամբոխի մեջ կորավ աչքիցս։ Ես վազեցի ու սկսեցի ձայն տալ նրան, բայց քանի որ բացի «է՜յ»-ից ես ոչինչ չէի կարող բղավել, ուստի նա չշրջվեց։ Հանկարծ նա արագ մտավ ձախ՝ մի տան դարպասը։ Երբ ներս վազեցի դարպասից, որի տակ շատ մութ էր, արդեն ոչ ոք չկար։ Տունը հսկայական մեծության էր, մեկն այն վիթխարի շինվածքներից, որոնք կառուցում են աֆերիստները մանր բնակարանների համար. երբեմն այդպիսի տներում մինչև հարյուր համար է լինում։ Երբ վազելով անցա դարպասը, ինձ թվաց, թե հսկայական բակի հետնակողմի աջ անկյունում կարծես մարդ է քայլում, թեև խավարի մեջ հազիվ կարող էի նշմարել։ Վազ տալով մինչև անկյունը, ես տեսա դեպի սանդուղք տանող մի մուտք, սանդուղքը նեղ էր, չափազանց կեղտոտ և բոլորովին չլուսավորված, բայց լսվում էր, որ բարձրում աստիճաններով դեռ վազում է մի մարդ, և ես նետվեցի դեպի սանդուղքը, հույս ունենալով, որ մինչև որևէ տեղ նրա առաջ դուռը բացեն, ես կհասնեմ նրան։ Այդպես էլ եղավ։ Սանդուղքները շատ կարճ էին, նրանց թիվն անվերջ էր, այնպես որ ես սարսափելի շնչակտուր եղա. դուռը բացին և նորից փակեցին հինգերորդ հարկում, ես դա կռահեցի ցածից դեռևս երեք սանդուղք չբարձրացած։ Մինչև վազեցի վեր, մինչև շունչս տեղն եկավ, մինչև որոնում էի զանգը, անցավ մի քանի րոպե։ Իմ առաջ դուռը վերջապես բացեց մի կին, որը շատ պստլիկ խոհանոցում ինքնաեռ էր փչում, նա լուռ լսեց իմ հարցերը, իհարկե, ոչինչ չհասկացավ և լուռ իմ առաջ բաց արեց դուռը դեպի հաջորդ սենյակը, որը նույնպես փոքրիկ էր, սարսափելի ցածլիկ, անհրաժեշտ վատ կահ-կարասիով և վարագույրի հետև լայն հսկայական անկողնով, որի վրա պառկել էր, ինձ թվաց թե հարբած «Տերենտիչը» (այդպես կանչեց կինը)։ Սեղանի վրա այրվում վերջանում էր թիթեղե գիշերաճրագի մոմը և համարյա դատարկված մի կիսաշտոֆ էր դրած։ Տերենտիչը պառկած տեղից մի բան բառաչեց և ձեռքը թափ տվեց դեպի հաջորդ դուռը, իսկ կինը գնաց, այնպես որ ինձ ոչինչ չէր մնում, քան բացել այդ դուռը։ Ես այդպես էլ արի և մտա հաջորդ սենյակը։
 +
 +
Այդ սենյակը նախորդից ավելի փոքր ու նեղվածք էր, այնպես որ նույնիսկ չգիտեի, ինչպես շարժվեմ. անկյունում դրած նեղ, միտեղանի մահճակալը խիստ շատ տեղ էր գրավում. մնացած կահ-կարասին՝ ընդամենը երեք հասարակ աթոռ էր, ամեն տեսակ չուլ ու փալասով ծանրաբեռնված, և ամենահասարակ խոհանոցային փայտե սեղան, մոմլաթապատ հին բազմոցի առաջ, այնպես որ սեղանի ու մահճակալի արանքով արդեն համարյա չէր կարելի անցնել։ Սեղանի վրա վառվում էր մի նույնպիսի թիթեղե գիշերաճրագ ճարպամոմով, ինչպես և առաջին սենյակում, իսկ մահճակալի վրա ճղճղում էր մի շատ փոքրիկ, ձայնից դատելով, գուցե ընդամենը երեք շաբաթական երեխա, նրա «տակը փոխում» էր, այսինքն՝ վերաբարուրում էր մի հիվանդ ու գունատ կին, կարծես ջահել, խիստ անփույթ հագնված, և գուցե, ծննդաբերությունից հետո հենց նոր վեր կացած, բայց երեխան ձայնը չէր կտրում և ճչում էր սպասելով մոր նիհար կրծքին։ Բազմոցի վրա քնել էր մի ուրիշ երեխա, երեք տարեկան մի աղջիկ, որ ծածկված էր, կարծես, ֆրակով։ Սեղանի մոտ կանգնել էր շատ քրքրված սերթուկով մի պարոն (նա արդեն հանել էր վերարկուն, որը դրված էր մահճակալին) և բաց էր անում կապույտ թուղթը, որի մեջ փաթաթած էր մի երկու ֆունտ ցորենի հաց և երկու փոքրիկ երշիկ։ Սեղանին, բացի դրանից, թեյամանով թեյ կար և թափթփված էին սև հացի կտորտանք։ Մահճակալի տակից դուրս էր ցցվել մի չկողպած ճամպրուկ և երևում էին հնոտիների երկու կապոց։
 +
 +
Մի խոսքով, սարսափելի անկարգություն էր։ Ինձ առաջին հայացքից թվաց, որ նրանք երկուսն էլ, թե պարոնը, թե տիկինը, կանոնավոր մարդիկ են, բայց աղքատությունից հասած այդ ստորացուցիչ վիճակին, որում անկարգությունը վերջապես հաղթահարում է նրա դեմ պայքարելու ամեն մի փորձ և նույնիսկ մարդկանց հասցնում է դառն պահանջի՝ ամեն օր աճող բուն այդ անկարգության մեջ գտնել ինչ֊որ դառն և կարծես վրիժառու բավականության զգացմունք։
 +
 +
Երբ ես մտա, ինձնից առաջ նույնպես հենց նոր ներս եկած ու իր պաշարների փաթեթը բաց արած այդ պարոնը տաք-տաք ու արագ խոսակցում էր կնոջ հետ մի բանի մասին. կինը թեև դեռ չէր վերջացրել բարուրելը, բայց արդեն սկսել էր նվնվալ. ըստ երևույթին, տեղեկությունները սովորականի պես վատ էին։ Մոտ քսանութ տարեկան տեսքով այդ պարոնի թուխ ու չոր֊չոր, սև այտամորուքով շրջանակված, մաքուր ածիլված կզակով դեմքը ինձ բավական վայելուչ և նույնիսկ հաճելի թվաց, այդ դեմքը մռայլ էր, մռայլ հայացքով, բայց չափազանց հեշտ գրգռվող հպարտության ինչ֊որ հիվանդագին երանգով։ Երբ ես մտա, տարօրինակ տեսարան տեղի ունեցավ։
 +
 +
Կան մարդիկ, որոնք իրենց գրգռված վիրավորկանության մեջ արտակարգ հաճույք են զգում, և հատկապես այն ժայմանակ, երբ այդ վիրավորկանությունը նրանց մեջ հասնում է (որ միշտ պատահում է շատ արագ) մինչև վերջին սահմանը. թվում է, այդ վայրկյանին նրանց համար նույնիսկ ավելի հաճելի է լինել վիրավորված, քան չվիրավորված։ Այդ գրգռվողները հետո միշտ սաստիկ տանջվում են զղջումից, իհարկե, եթե նրանք խելացի են և ի վիճակի են հասկանալու, որ տասն անգամ ավելի են տաքացել, քան պետք էր։ Այդ պարոնը միառժամանակ նայում էր ինձ զարմացած, իսկ կինը վախեցած, կարծես թե չտեսնված տարօրինակ բան էր, որ նրանց մոտ էլ կարող էր որևէ մեկը գալ, բայց հանկարծ նա ինձ վրա հարձակվեց համարյա կատաղած, ես դեռ չէի հասցրել մի երկու բառ փնթփնթալ, իսկ նա, մանավանդ տեսնելով, որ կարգին եմ հագնված, ըստ երևույթին իրեն խիստ վիրավորված համարեց նրանով, որ ես համարձակվել էի այդպես կոպտաբար մտնել նրա անկյունը և տեսնել ողջ այլանդակ վիճակը, որից նա ինքն ամաչում էր։ Իհարկե, նա ուրախացավ առիթից, որ կարող է գոնե մեկի վրա թափել իր բոլոր ձախորդությունների զայրույթը։ Մի րոպե ես նույնիսկ կարծում էի, կնետվի հետս կռվելու, նա գունատվեց ինչպես կանացի հիստերիկայի մեջ ընկած և սաստիկ վախեցրեց կնոջը։
 +
 +
— Ինչպե՞ս համարձակվեցիք այդպես ներս մտնել։ Դո՛ւրս,— բղավում էր նա դողալով և նույնիսկ հազիվ արտասանելով բառերը։ Բայց հանկարծ նա իմ ձեռքում տեսավ իր դրամապանակը։
 +
 +
— Կարծեմ, դուք գցեցիք,— ասացի ես որքան կարելի է հանգիստ ու չոր։ (Ասենք, հենց այդպես էլ պետք էր)։
 +
 +
Նա իմ առաջ կանգնել էր բոլորովին վախեցած և մի որոշ ժամանակ կարծես ոչինչ չէր կարողանում հասկանալ, հետո արագ բռնեց գրպանը, սարսափից բերանը բացեց և ձեռքով խփեց ճակատին։
 +
 +
Ես շատ կարճառոտ և ըստ հնարավորին չոր բացատրեցի նրան, թե ինչպես բարձրացրի դրամապանակը, ինչպես էի վազում ու կանչում նրան և ինչպես, ի վերջո, ենթադրաբարև գրեթե խարխափելով, նրա հետևից վազեցի սանդուղքն ի վեր։
 +
 +
— Օ, աստվա՜ծ,— գոչեց նա, դառնալով կնոջը,— այստեղ են մեր բոլոր փաստաթղթերը, այստեղ են իմ վերջին, գործիքները, այստեղ է ամեն ինչ... Օ, ողորմած պարոն, գիտե՞ք արդյոք, թե ինչ եք արել ինձ համար։ Ես կկորչեի։
 +
 +
Այդ միջոցին ես բռնել էի դռան բռնակը, որպեսզի առանց պատասխանելու գնայի, բայց ես ինքս շնչահեղձ էի լինում և հանկարծ իմ հուզմունքը արտահայտվեց այնպիսի ուժգին հազի նոպայով, որ հազիվ էի կարողանում ոտքի վրա կանգնել։ Ես տեսնում էի, թե ինչպես պարոնը նետվում էր ամեն կողմ, որպեսզի ինձ համար ազատ աթոռ գտնի, ինչպես նա, վերջապես մի աթոռի վրայից վերցրեց ցնցոտիները, նետեց հատակին և, շտապելով, ինձ հրամցրեց աթոռը, զգուշությամբ նստեցնելով ինձ։ Բայց իմ հազը շարունակվում էր և չէր դադարում դեռևս մոտ երեք րոպե։ Երբ ես ուշքի եկա, նա արդեն նստած էր իմ կողքին մյուս աթոռի վրա, որի վրայից նույնպես, հավանաբար, ցնցոտիները թափել էր հատակին, և ուշադիր նայում էր ինձ։
 +
 +
— Դուք կարծես... տառապո՞ւմ եք,— ասաց նա այն եղանակով, որով սովորաբար խոսում են բժիշկները, հիվանդին դիմելով։— Ես ինքս... մեդիկ եմ (նա չասաց՝ բժիշկ),— և, այդ ասելով, չգիտես ինչու նա ձեռքով ինձ ցույց տվեց սենյակը, ասես բողոքելով իր այժմյան վիճակի դեմ,— ես տեսնում եմ, որ դուք...
 +
 +
— Ես թոքախտ ունեմ,— ասացի ես որքան կաբելի է կարճ և վեր կացա։
 +
 +
Անմիջապես նա էլ վեր թռավ։
 +
 +
— Գուցե դուք չափազանցնում եք և... միջոցների դիմելով...
 +
 +
Նա բոլորովին շշկլվել էր և կարծես դեռ չէր կարող ուշքի գալ, դրամապանակը ցցված էր նրա ձախ ձեռքին։
 +
 +
— Օ, մի անհանգստացեք,— նորից նրա խոսքը կտրեցի ես, բռնելով դռան բռնակը,— անցյալ շաբաթ ինձ քննել է Բ-նը (ես նորից մեջ խցկեցի Բ-նին), և իմ հարցը լուծված է։ Ներեցեք...
 +
 +
Ես նորից ուզում էի դուռը բացել և լքել իմ շփոթված, շնորհակալ և ամոթից ճզմված բժշկին, բայց անիծյալ հազը հենց այդ ժամանակ նորից բռնեց ինձ։ Այստեղ իմ բժիշկը պնդեց, որ նորից նստեմ ու հանգստանամ. նա դիմեց կնոջը, և կինը, առանց իր տեղը թողնելու, ինձ մի քանի շնորհակալական ու սիրալիր խոսք ասաց։ Ընդսմին նա շատ շփոթվեց, այնպես որ նույնիսկ կարմրություն խաղաց նրա դեղնադալուկ, չոր այտերին։ Ես մնացի, բայց այնպիսի տեսքով, որն ամեն վայրկյան ցույց էր տայիս, որ ես շատ եմ վախենում նրանց նեղություն պատճառելուց (այդպես էլ պետք էր)։ Իմ բժշկի զղջումը վերջապես տանջահար արեց նրան, ես այդ տեսնում էի։
 +
 +
— Եթե ես...— սկսեց նա, րոպեն մեկ խոսքը կտրելով ու խոսքից խոսք թռչելով,— ես այնպես շնորհակալ եմ ձեզ և այնպես մեղավոր եմ ձեր առաջ... ես... դուք տեսնում եք...— նա դարձյալ ցույց տվեց սենյակը,— այս րոպեիս ես գտնվում եմ այնպիսի վիճակում...
 +
 +
— Օ,— ասացի ես,— տեսնելու բան չկա, հայտնի բան է, ըստ երևույթին դուք կորցրել եք ձեր աշխատանքը և եկել եք բացատրվելու և նորից տե՞ղ փնտրելու։
 +
 +
— Ինչի՞ց... իմացաք,— հարցրեց նա զարմացած։
 +
 +
— Առաջին հայացքից երևում է,— պատասխանեցի ես ակամա ծաղրանքով։— Այստեղ շատ են գալիս գավառից, հույսերով, վազվզում և ահա այսպես ապրում։
 +
 +
Նա հանկարծ սկսեց խոսել տաք֊տաք, դողդողացող շրթունքներով, նա սկսեց գանգատվել, սկսեց պատմել և, խոստովանում եմ, հետաքրքրեց ինձ. ես նրա մոտ նստեցի համարյա մի ժամ։ Նա ինձ պատմեց իր պատմությունը, որը շատ սովորական էր։ Նա բժիշկ է եղել նահանգում, պետական պաշտոն է ունեցել, բայց այստեղ ինչ֊որ ինտրիգներ են սկսվել, որին խառնել են նույնիսկ նրա կնոջը։ Նա հպարտսւթյուն է բանեցրել, տաքացել է, տեղի է ունեցել նահանգական պետերի փոփոխություն հօգուտ նրա թշնամիների, նրա տակ փորել են, գանգատվել, նա տեղը կորցրել է և վերջին միջոցներով Պետերբուրգ եկել բացատրության, Պետերբուրգում, հայտնի բան է, նրան երկար ժամանակ չէին լսում, հետո լսեցին, հետո պատասխանում էին մերժմամբ, հետո հրապուրեցին խոստումներով, հետո պատասխանում էին խստությամբ, հետո նրան պատվիրեցին ինչ֊որ բան գրել ի բացատրություն, հետո հրաժարվեցին նրա գրածն ընդունել, պատվիրեցին խնդրագիր տալ, մի խոսքով նա վազվզում էր արգեն հինգերորդ ամիսը, ամեն ինչ կերել էր, կնոջ վերջին փալասները գրավ էին դրված, իսկ այստեղ երեխան ծնվեց և... և... «այսօր եզրափակիչ մերժում եմ ստացել տված խնդրագրիս, իսկ ես համարյա հաց չունեմ, ոչինչ չունեմ, կինս երեխա է բերել։ Ես... ես...»։
 +
 +
Նա աթոռից վեր թռավ ու երեսը շրջեց։ Նրա կինը լաց էր լինում անկյունում, երեխան նորից սկսեց լաց լինել։ Ես հանեցի ծոցատետրս և սկսեցի գրել։ Երբ վերջացրի ու վեր կացա, նա կանգնել էր իմ առաջ և նայում էր երկչոտ հետաքրքրությամբ։
 +
 +
— Ես գրեցի ձեր անունը,— ասացի նրան,— և մնացած ամեն ինչ. պաշտոնավայրը, ձեր նահանգապետի անունը, ամսաթվերը, ամիսները։ Ես մի ընկեր ունեմ, դեռ դպրոցից, Բախմուտով, իսկ նրա հորեղբայրը, Պյոտր Մատվեևիչ Բախմուտովը, իսկական պետական խորհրդական է և պաշտոնավարում է որպես դիրեկտոր...
 +
 +
— Պյոտր Մատվեյիչ Բախմո՜ւտովը,— բացականչեց իմ բժիշկը, համարյա ցնցվելով,— բայց ախր հենց նրանից է կախված համարյա ամե՜ն ինչ։
 +
 +
Իսկապես, իմ բժշկի պատմությունը, դրա լուծումը, որին ես անսպասելիորեն նպաստեցի, կատարելապես հաջողվեց ու կարգավորվեց, կարծես դիտմամբ դրա համար պատրաստված էր ամեն ինչ, ճիշտ և ճիշտ ինչպես վեպում։ Ես այդ խեղճ մարդկանց ասացի, որ նրանք աշխատեն ոչ մի հույս չկապել ինձ հետ, որ ես ինքս մի խեղճ գիմնազիստ եմ (ես դիտմամբ չափազանցրի ստորացումս. ես վաղուց եմ ավարտել դասընթացը և գիմնազիստ չեմ) և որ կարիք չկա, որ նրանք անունս իմանան, բայց որ ես հենց հիմա կգնամ Վասիլևյան կղզին իմ ընկեր Բախմուտովի մոտ, և քանի որ ես հաստատ գիտեմ, որ նրա հորեղբայրը, իսկական պետական խորհրդականը, ամուրի ու անզավակ, ուղղակի պաշտում է իր եղբորորդուն և անսահման սիրում, հանձին նրա տեսնելով իր ընտանիքի վերջին շառավիղը, ապա, «կարող է պատահել, իմ ընկերը կարողանա որևէ բան անել ձեզ համար և ինձ համար, իհարկե, իր հորեղբոր մոտ...»։
 +
 +
— Ինձ միայն թո՜ւյլ տային բացատրվելու նորին գերազանցության հետ։ Միայն կարենայի պատիվ ստանալ խոսքերով բացատրելու,— բացականչեց նա, դողալով ինչպես տենդահար և փայլատակող աչքերով։ Նա այդպես էլ ասաց. ''կարենայի''։ Մի անգամ էլ կրկնելով, որ հավանաբար գործր կտապալվի և ամեն ինչ դատարկ բան դուրս կգա, ես ավելացրի, որ եթե վաղն առավոտյան նրանց մոտ չգամ, ապա, նշանակում է, բանը պրծել է, և նրանք սպասելիք չունեն։ Նրանք ինձ ճամփա դրին խոնարհումներով, նրանք համարյա խելքները թռցրել էին։ Երբեք չեմ մոռանա նրանց դեմքերի արտահայտությունը։ Ես կառք վերցրի և անմիջապես գնացի Վասիլևյան կղզին։
 +
 +
Այդ Բախմուտովի հետ գիմնազիայում մի քանի տարի շարունակ մշտական թշնամության մեջ էի։ Մեզ մոտ նա համարվում էր արիստոկրատ, համենայն դեպս ես այդպես էի անվանում նրան. հրաշալի հագնվում էր, գիմնազիա էր գալիս սեփական կառքով, բոլորովին ֆանֆարոնություն չէր անում, միշտ սքանչելի ընկեր էր, միշտ արտասովոր ուրախ էր և երբեմն նույնիսկ շատ սրամիտ, թեև բոլորովին մեծ խելքի տեր չէր, չնայած նրան, որ դասարանում միշտ առաջինն էր, իսկ ես երբեք ոչ մի բանում առաջինը չեմ եղել։ Բոլոր ընկերները սիրում էին նրան, բացի միակ ինձնից։ Այդ մի քանի տարվա ընթացքում նա մի քանի անգամ մոտեցել էր ինձ, բայը ես ամեն անգամ մռայլ ու գրգռված երես եմ դարձրել նրանից։ Այժմ արդեն ես նրան չէի տեսել մոտ մեկ տարի. նա համալսարանում էր։ Երբ մոտավորապես ժամը իննին ես մտա նրա մոտ (մեծ ձևականություններով. իմ մասին զեկուցեցին), նա ինձ դիմավորեց սկզբում զարմացած, նույնիսկ բոլորովին ոչ սիրալիր, բայց իսկույն զվարթացավ և, ինձ վրա նայելով, հանկարծ հռհռաց։
 +
 +
— Այդ ի՞նչ է անցել ձեր մտքով ինձ մոտ գալ, Տերենտև,— բղավեց նա իր մշտական հաճելի սանձարձակությամբ, երբեմն հանդուգն, բայց երբեք վիրավորական, որը ես այնքան սիրում էի նրա մեջ և որի համար այնպես ատում էի նրան։— Բայց այս ինչ է,— բացականչեց նա վախեցած,— դուք այնպես հիվա՜նդ եք։
 +
 +
Հազը ինձ նորից սկսեց տանջել, ես ընկա աթոռին և հազիվ էի կարողանում շունչս ետ բերել։
 +
 +
— Մի անհանգստացեք, ես թոքախտ ունեմ,— ասացի ես,— ձեզ մոտ խնդրանքով եմ եկել։
 +
 +
Նա զարմացած նստեց, և ես անմիջապես շարադրեցի բժշկի ամբողջ պատմությունը և բացատրեցի, որ նա ինքը, արտակարգ ազդեցություն ունենալով հորեղբոր վրա, գուցե կարող էր որևէ բան անել։
 +
 +
— Կանեմ, անպայման կանեմ և հենց վաղը կհարձակվեմ հորեղբորս վրա. և ես նույնիսկ ուրախ եմ, և այդ ամենը դուք այնպես լավ պատմեցիք... Բայց և այնպես, Տերենտև, ինչպե՞ս ձեր մտքով անցավ ինձ դիմել։
 +
 +
— Ձեր հորեղբորից այստեղ այնքան բան է կախված, և ընդսմին մենք, Բախմուտով, միշտ թշնամիներ ենք եղել, իսկ քանի որ դուք ազնվաբարո մարդ եք, ապա մտածեցի, որ թշնամուն չեք մերժի,— ավելացրի ես իրոնիայով։
 +
 +
— Ինչպես Նապոլեոնը դիմեց Անգլիայի՜ն,— գոչեց նա հռհռալով։— Կանեմ, կա նե՜մ։ Նույնիսկ հիմա կգնամ, եթե կարելի է,— ավելացրեց նա արագ, տեսնելով, որ ես լուրջ ու խիստ վեր եմ կենում աթոռից։
 +
 +
Եվ իրոք, այդ գործը ամենաանսպասելի ձևով կարգավորվեց այնպես, որ ավելի լավ պետք չէր։ Մեկ և կես ամսից հետո մեր բժիշկը նորից տեղ ստացավ մի ուրիշ նահանգում, ստացավ ճանապարհածախս, նույնիսկ օժանդակություն։ Ես կարծում եմ, որ Բախմուտովը, որը սաստիկ սովորություն էր դարձրել նրանց մոտ գնալը (մինչդեռ ես դրա պատճառով դիտմամբ դադարեցի նրանց տուն գնալուց և ինձ մոտ վազ տվող բժշկին ընդունում էի համարյա չոր), Բախմուտովը, ինչպես կասկածում եմ, բժշկին համոզել էր նույնիսկ պարտք ընդունել իրենից։ Այդ վեց շաբաթվա ընթացքում Բախմուտովի հետ տեսնվել եմ մի երկու անգամ. մենք երրորդ անգամ հանդիպեցինք, երբ ճանապարհ էինք դնում բժշկին։ Ողջերթը սարքել էր Բախմուտովը հենց իր տանը շամպայն ու ճաշ տալով, որին ներկա էր նաև բժշկի կինը, ասենք նա շատ շուտով գնաց երեխայի մոտ։ Դա մայիսի սկզբին էր, պայծառ երեկո էր, արևի հսկա գունդը իջնում էր ծովածոց։ Բախմուտովն ինձ ուղեկցում էր տուն. մենք գնացինք Նիկոլաևյան կամուրջով. երկուսս էլ մի քիչ խմած էինք։ Բախմուտովը խոսում էր իր հիացմունքի մասին, որ այդ գործը այդպես լավ վերջացավ, ինչ֊որ բանի համար ինձ շնորհակալություն էր հայտնում, բացատրում էր, թե որքան լավ է զգում հիմա իրեն, բարի գործից հետո, հավատացնում որ ամբողջ ծառայությունն իմն է, որ իզուր են հիմա շատերը սովորեցնում ու քարոզում, թե եզակի բարի գործը ոչ մի նշանակություն չունի։ Ես էլ խոսելու մեծ ցանկություն ունեցա։
 +
 +
— Ով ոտնձգություն է անում եզակի «ողորմության» դեմ,— սկսեցի ես,— նա ոտնձգություն է անում մարդու բնության դեմ և արհամարհում է նրա անհատական արժանիքը։ Բայց «հասարակական ողորմության» կազմակերպումը և անձնական ազատության հարցը երկու տարբեր և փոխադարձաբար իրար չբացառող հարցեր են։ Եզակի բարեգործությունը միշտ կմնա, որովհետև դա անհատի պահանջ է, մի անհատի ուղղակի ազդեցության կենդանի պահանջը մի այլ անհատի վրա։ Մոսկվայում ապրում էր մի ծերունի, մի «գեներալ», այսինքն՝ իսկական պետական խորհրդական, գերմանացու անունով. նա ամբողջ կյանքում քարշ էր գալիս թիարաններում ու հանցագործների մոտ. հանցագործների Սիբիր ուղարկվող յուրաքանչյուր խումբ վաղօրոք գիտեր, որ Վորոբյովյան սարերում իրեն այցելության կգա «ծերուկ գեներալը»։ Նա իր գործն անում էր վերին աստիճանի լուրջ և բարեպաշտորեն, նա հայտնվում էր, անցնում աքսորականների շարքերով, որոնք շրջապատում էին նրան, կանգ էր առնում ամեն մեկի առաջ, ամեն մեկին հարցուվարձ էր անում նրա կարիքների մասին, համարյա երբեք ոչ ոքի խրատներ չէր կարդում, նրանց բոլորին անվանում էր «աղավնյակներ»։ Նա փող էր տալիս, անհրաժեշտ իրեր՝ փաթեթներ, քաթան ուղարկում, երբեմն հոգեփրկիչ գրքեր էր բերում և դրանք նվիրում էր ամեն մի գրագետի, լիակատար համոզմունքով, որ դրանք ճանապարհին կկարդան և որ գրագետը կկարդա անգրագետի համար։ Հանցագործության մասին նա հազվադեպ էր հարցուփորձ անում, միայն ունկնդրում էր, եթե հանցագործն ինքն էր սկսում խոսել. բոլոր հանցագործները նրա համար մեկ էին, տարբերություն չէր դնում։ Նրանց հետ խոսում էր ինչպես եղբայրների հետ, բայց վերջը նրանք սկսեցին գեներալին հոր տեղ դնել։ Եթե նկատում էր երեխան գրկին որևէ աքսորական կնոջ, մոտենում էր, փաղաքշում երեխային, մատները շխկացնում, որպեսզի։ նա ծիծաղի։ Այդպես էր վարվում նա շատ տարիներ, մինչև մահը, այնտեղ հասավ, որ նրան ճանաչում էին ամբողջ Ռուսաստանում և ամբողջ Սիբիրում, այսինքն՝ բոլոր հանցագործները։ Սիբիրում եղած մեկը ինձ պատմում էր, որ նա ինքը վկա է եղել, թե ինչպես ամենաանուղղելի հանցագործները մտաբերում էին գեներալին, այնինչ խմբերին այցելելիս, գեներալը հազվադեպ էր կարողանում ամեն մեկին քսանական կոպեկից ավելի բաժանել։ Ճիշտ է, նրան մտաբերում էին ոչ թե ջերմությամբ կամ շատ լրջորեն։ Ընդամենը մի տասներկու հոգի սպանած, լոկ իր բավականության համար մի վեց հատ երեխա խողխողած «դժբախտներից» մեկը (ասում են, լինում էին այդպիսիք) հանկարծ, առանց որևէ առիթի, երբևէ, և ամբողջ քսան տարվա ընթացքում գուցե ընդամենը մեկ անգամ, հանկարծ կհառաչեր ու կասեր. «Տեսնես ծերուկ գեներալը դեռ ո՞ղջ է»։ Դրա հետ, կարող է պատահել, նույնիսկ քմծիծաղ կտար, և ահա ընդամենը հենց այդքան։ Իսկ ի՞նչ գիտեք, առհավետ ի՞նչ սերմ է գցել նրա հոգու մեջ այդ «ծերուկ գեներալը», որին նա չի մոռացել քսան տարում։ Ի՞նչ գիտեք, Բախմուտով, ի՜նչ նշանակություն կունենա մի անձնավորության այդ հաղորդակցությունը մյուս՝ հաղորդակից դարձված անձնավորության ճակատագրում... Չէ՞ որ այստեղ մի ամբողջ կյանք է և մեզնից թաքուն անթիվ-անհամար ճյուղավորումներ։ Ամենալավ շախմատ խաղացողը, նրանցից ամենասուր միտք ունեցողը վաղօրոք միայն մի քանի քայլ կարող է մտածել, նախօրոք տասը քայլի հաշիվ անել կարողացող մի ֆրանսիացի խաղացողի մասին գրում էին ինչպես հրաշքի մասին։ Իսկ այստեղ ինչքա՜ն քայլեր կան և ինչքա՜նն է մեզ անհայտ։ Ձեր սերմը նետելով, ձեր «ողորմությունը», ձեր բարի գործը նետելով, ինչ ձևով ուզում է դա լինի, դուք տալիս եք ձեր անձնավորության մի մասը և ձեր մեջ ընդունում ուրիշի մի մասը, դուք փոխադարձաբար հաղորդակից եք դառնում մեկդ մյուսիդ, ևս մի քիչ ուշադրություն, և դուք արդեն վարձատրվում եք տեղյակ դառնալով, ամենա անսպասելի հայտնագործություններով։ Վերջ ի վերջո դուք անպայման ձեր գործին կսկսեք նայել ինչպես գիտության. նա իր մեջ կգրավի ձեր ողջ կյանքը և կարող է լցնել ողջ կյանքը։ Մյուս կողմից, ձեր բոլոր մտքերը, ձեր նետած բոլոր սերմերը, որոնք գուցե դուք արդեն մոռացել եք, կմարմնավորվեն ու կաճեն. ձեզնից ստացողը կփոխանցի մեկ ուրիշին։ Եվ ի՞նչ գիտեք, թե դուք ինչ մասնակցություն կունենաք մարդկության ճակատագրի ապագա լուծման մեջ։ Իսկ եթե իմացությունը և ամրողջ կյանքում կատարած այդ աշխատանքը ձեզ վերջապես կբարձրացնեն մինչև այն աստիճան, որ դուք ի վիճակի կլինեք նետել մի վիթխարի սերմ, աշխարհին թողնել մի վիթխարի միտք, ապա... Եվ այլն, ես շատ խոսեցի այն ժամանակ։
 +
 +
— Եվ ընդսմին մարդ մտածի, որ հենց ձե՛զ է մերժված կյանքը,— չգիտես ում հասցեագրված տաք կշտամբանքով բացականչեց Բախմուտովը։
 +
 +
Այն րոպեին մենք կանգնած էինք կամուրջի վրա, բազրիքին հենված, և նայում էինք Նևային։
 +
 +
— Գիտե՞ք ինչ անցավ մտքովս,— ասացի ես, ավելի ևս կախվելով բազրիքից։
 +
 +
— Մի՞թե ջուրը նետվել,— գոչեց Բախմուտովը։ Գուցե նա կարդաց իմ միտքը դեմքիս վրա։
 +
 +
— Ոչ, առայժմ միայն դատողություն է, հետևյալը, ահա հիմա ինձ մնում է ապրելու երկու֊երեք ամիս, գուցե չորս, բայց, օրինակ, երբ կմնա ընդամենը միայն երկու ամիս, և եթե ես սաստիկ ուզենայի մի բարի գործ անել, որը պահանջեր աշխատանք, վազվզոց ու գլխացավանք, այ օրինակ մեր բժշկի գործի պես, ապա այդ դեպքում չէ՞ որ ես պետք է հրաժարվեի այդ գործից ինձ մնացած ժամանակի սղության պատճառով և մի ուրիշ, ավելի մանր «բարի գործ» փնտրեի, որը կհամապատասխաներ իմ ''հնարավորություններին'' (եթե բարի գործերի շատ ուժգին ցանկություն ունենամ)։ Համաձայնեցեք, որ սա զվարճալի միտք է։
 +
 +
Խեղճ Բախմուտովը շատ անհանգստացած էր ինձ համար, նա ինձ ուղեկցեց մինչև տուն և այնքան նրբանկատ էր, որ ոչ մի անգամ չսկսեց մխիթարել և գրեթե շարունակ լուռ էր։ Հրաժեշտ տալիս նա ջերմորեն սեղմեց ձեռքս և թույլտվություն խնդրեց այցելելու ինձ։ Ես նրան պատասխանեցի, որ եթե նա ինձ մոտ գա որպես «մխիթարիչ» (որովհետև, եթե նույնիսկ լռելու լիներ, ապա այնուամենայնիվ կգար որպես մխիթարիչ, ես այդ բացատրեցի նրան), ապա, նշանակում է, դրանով ամեն անգամ նա ավելի շատ ինձ կհիշեցնի մահվան մասին։ Նա ուսերը թոթվեց, բայց համաձայնեց ինձ հետ. մենք բաժանվեցինք բավական քաղաքավարի, որ ես նույնիսկ չէի սպասում։
 +
 +
Բայց այդ երեկո և այդ գիշեր նետվեց իմ «վերջին համոզմունքի» առաջին սերմը։ Ես ագահորեն կառչեցի այդ ''նոր'' մտքից, ագահորեն քննարկում էի այն իր բոլոր ոլորապտույտներով, իր բոլոր տեսքերով (ես ամբողջ գիշերը չքնեցի), և որքան ավելի էի խորանում այդ մտքի մեջ, որքան ավելի էի ընդունում իմ մեջ, այնքան ավելի էի վախենում։ Վերջապես սարսափելի վախ ընկավ մեջս և չէր հեռանում նաև հաջորդ օրերը։ Երբեմն, մտածելով իմ այդ մշտական վախի մասին, ես արագորեն սառչում էի նոր սարսափից. չէ՞ որ այդ վախից ես կարող էի եզրակացնել, որ իմ «վերջին համոզմունքը» չափազանց լուրջ է նստել մեջս և անպայման կհանգի իր լուծմանը։ Բայց լուծման համար ինձ պակասում էր վճռականությունը. երեք շաբաթ անց ամեն ինչ վերջացած էր, և վճռականությունը հայտնվեց, բայց մի չափազանց տարօրինակ առիթով։
 +
 +
Այստեղ իմ բացատրության մեջ ես նշում եմ բոլոր թվերն ու ամսաթվերը։ Ինձ համար, իհարկե, միևնույն կլինի, բայց ''հիմա'' (և, գուցե, միայն այս րոպեիս) ես ուզում եմ, որ նրանք, ովքեր դատելու կլինեն իմ արարքը, կարողանան պարզ տեսնել, թե եզրակացությունների ինչպիսի տրամաբանական շղթայից է դուրս եկել իմ «վերջին համոզմունքը»։ Ես հիմա վերև գրեցի, որ վերջնական վճռականությունը, որն ինձ պակասում էր իմ «վերջին համոզմունքը» կատարելու համար, իմ մեջ առաջացավ, կարծեմ, բոլորովին ոչ տրամաբանական եզրակացությունից, այլ ինչ-որ տարօրինակ մղումից, մի տարօրինակ հանգամանքից, որը գուցե ոչնչով կապված չէր գործի ընթացքին։ Մոտ տասն օր առաջ ինձ մոտ եկավ Ռոգոժինը, իր մի գործով, որի մասին ավելորդ է այստեղ ծավալվելը։ Ես առաջ երբեք չէի տեսել Ռոգոժինին, բայց նրա մասին շատ բան էի լսել։ Ես նրան տվի բոլոր անհրաժեշտ տեղեկանքները, և նա շուտով գնաց, և քանի որ նա միայն այդ տեղեկանքների համար էր եկել, ապա դրանով էլ կվերջանար գործը մեր մեջ։ Բայց նա ինձ շատ հետաքրքրեց, և այդ ամբողջ օրը ես տարօրինակ մտքերի ազդեցության տակ էի, այնպես որ վճռեցի հաջորդ օրը ինքս այցելության գնալ նրան։ Ըստ երևույթին Ռոգոժինը ուրախ չէր ինձ տեսնելու և նույնիսկ «քաղաքավարությամբ» ակնարկեց, որ կարիք չկա շարունակելու մեր ծանոթությունը, բայց և այնպես ես անցկացրի մի շատ հետաքրքիր ժամ, ինչպես, հավանաբար, և նա։ Մեր մեջ այնպիսի հակադրություն կար, որը չէր կարող չերևալ մեզ երկուսիս էլ, հատկապես ինձ. ես արդեն իմ օրերը հաշված մարդ էի, իսկ նա ամենալիակատար, անմիջական կյանքով, ներկա րոպեով ապրող մարդ, առանց որևէ հոգսի՝ «վերջին» եզրակացությունների, թվերի կամ որևէ այլ բանի մասին, որը չի վերաբերում նրան, որի համար... որի համար... դե, թեկուզ որի համար նա գժված է, թող ինձ ների այս արտահայտության համար պարոն Ռոգոժինը, թեկուզ որպես վատ գրականագետի, որը չի կարող իր միտքն արտահայտել։ Չնայած նրա ողջ անսիրալիրությանը, ինձ թվաց, որ նա խելքի տեր մարդ է և շատ բան կարող է հասկանալ, թեև նրան կողմնակի քիչ բան է հետաքրքրում։ Ես նրան չակնարկեցի իմ «վերջին համոզմունքի» մասին, բայց չգիտեմ ինչու թվաց, որ ինձ ունկնդրելով, նա կռահեց այն։ Նա լռեց. նա սաստիկ լռակյաց է։ Հեռանալիս ես նրան ակնարկեցի, որ չնայած մեր մեջ եղած ամբողջ տարբերությանը և բոլոր հակադրություններին, les extrémités se touchent<ref>Հակադրությունները մոտենում են իրար (ֆրանս.)։
 +
</ref> (ես այդ բանը նրան բացատրեցի ռուսերեն), այնպես որ, կարող է պատահել, նա ինքն էլ բնավ այնքան հեռու չէ իմ «վերջին համոզմունքից», ինչպես թվում է։ Դրան նա պատասխանեց շատ մռայլ ու թթու ծամածռությամբ, վեր կացավ, ինքը որոնեց գտավ գլխարկս, ձևացնելով, իբր ես ինքս եմ գնում, և ուղղակի ինձ դուրս հանեց իր մռայլ տնից, այնպես ցույց տալով, թե իբր քաղաքավարությամբ ճամփու է դնում ինձ։ Նրա տունն ինձ զարմացրեց. գերեզմանատան է նմանում, իսկ նրան, կարծես, դուր է գալիս, որը, ասենք, հասկանալի է, այդպիսի լիարյուն, անմիջական կյանքը, որով նա ապրում է, շատ լիարյուն է ինքնին, որպեսզի կահավորանքի կարիք ունենա։
 +
 +
Ռոգոժինին կատարած այդ այցելությունը շատ հոգնեցրեց ինձ։ Բացի այդ, դեռ առավոտվանից վատ էի զգում, երեկոյան կողմ շատ թուլացա և պառկեցի մահճակալիս, իսկ ժամանակ առ ժամանակ զգում էի ուժեղ ջերմություն և նույնիսկ րոպեներ էին լինում, որ զառանցում էի։ Մինչև ժամը տասնմեկը Կոլյան մոտս մնաց։ Սակայն ես հիշում եմ այն ամենը, ինչ որ նա ասում էր, և ինչի մասին որ խոսում էինք։ Բայց երբ մի քանի րոպեով աչքերս փակվում էին, ապա շարունակ ինձ պատկերանում էր իբր թե միլիոններ ստացած Իվան Ֆոմիչը։ Նա չգիտեր, թե որտեղ պահի այդ փողերը, գլուխ էր կոտրում դրա վրա, վախից դողում էր, թե կգողանան, և, վերջապես, իբր թե որոշեց հողում թաղել։ Ես, վերջապես, նրան խորհուրդ տվի, որ այդ փողի կույտը փոխանակ զուր տեղը հողում թաղի, լավ կանի, եթե այդ ամբողջ դեզից ոսկյա դագաղիկ ձուլի «սառեցրած» մանկան համար և դրա համար երեխային թաղած տեղից հանի։ Իբր թե իմ այդ ծաղրը Սուրիկովն ընդունեց շնորհակալության արցունքներով և անմիջապես անցավ ծրագրի իրագործմանը։ Ես իբր թե թքեցի ու հեռացա նրանից։ Երբ ես բոլորովին սթափվեցի, Կոլյան ինձ հավատացնում էր, որ ես բոլորովին չեմ քնել և որ այդ ամբողջ ժամանակ նրա հետ խոսել եմ Սուրիկովի մասին։ Որոշ րոպեներ ես լինում էի շատ թախծոտ ու հուզված, այնպես որ Կոլյան հեռացավ անհանգստացած։ Երբ ես ինքս վեր կացա, որպեսզի նրա հետևից դուռը կողպեմ բանալիով, հանկարծ միտս եկավ մի պատկեր, որը տեսել էի Ռոգոժինի մոտ, նրա տան ամենամռայլ դահլիճներից մեկում, դռան վերև։ Այդ պատկերը նա ինքը ինձ ցույց տվեց հարևանցի, ես, կարծեմ, նրա առաջ կանգնեցի մի հինգ րոպե։ Արտիստական տեսակետից նրանում ոչ մի լավ բան չկար, բայց նա իմ մեջ ինչ-որ տարօրինակ անհանգստություն առաջացրեց։
 +
 +
Այդ նկարում պատկերված է խաչից հենց նոր ցած իջած Քրիստոսը։ Ինձ թվում է, նկարիչներն առհասարակ սովորություն են դարձրել թե խաչի վրա, թե խաչից ցած բերած Քրիստոսին պատկերել դեմքի դեռևս արտասովոր գեղեցկության երանգով. նրա այդ գեղեցկությունը նկարիչները փորձում են պահպանել նույնիսկ ամենասարսափելի տանջանքների պահին։ Այնինչ Ռոգոժինի պատկերում գեղեցկության մասին խոսք անգամ չկա. դա իսկական դիակ է մի մարդու, որը դեռ մինչև խաչ բարձրանալը տարել է անհամար տանջանքներ, վերքեր, խոշտանգումներ, ծեծ պահակներից, ծեծ ժողովրդից, երբ նա տանում էր իր խաչը և ընկավ խաչի ծանրության տակ, և, վերջապես, խաչի տանջանքը վեց ժամվա ընթացքում (առնվազն այդքան պետք է լինի իմ հաշվով)։ Ճիշտ է, այդ դեմքը խաչից ''հենց նոր'' ցած բերած մարդու դեմք է, այսինքն՝ իր մեջ չափազանց շատ կենդանի, տաք բան պահպանած դեմք, դեռևս ոչինչ չի քարացել, այնպես որ մեռածի դեմքին նույնիսկ երևում է տառապանք, որը կարծես թե նա հիմա էլ զգում է (արտիստը դա շատ լավ է որսացել), բայց դրա փոխարեն դեմքը բոլորովին չի խնայել, այստեղ լոկ բնությունն է, և իսկապես էլ այդպիսի տանջանքներից հետո այդպես պետք է լինի մարդու դիակը, ով էլ որ նա լինի։ Ես գիտեմ, որ քրիստոնեական եկեղեցին դեռևս առաջին դարերում պարզել է, որ Քրիստոսը տառապել է ոչ թե պատկերավոր, այլ իրապես, և որ նրա մարմինն էլ, նշանակում է, խաչի վրա լիովին ու միանգամայն ենթակա է եղել բնության օրենքին։ Պատկերի մեջ այդ դեմքը սարսափելի ջարդված է հարվածներից, ուռած է, սոսկալի, ուռած ու արյունլվա կապտուկներով, աչքերը բաց են, բիթերը ծռված, աչքերի խոշոր, բաց սպիտակուցները փայլում են ինչ-որ մեռելատիպ, ապակյա փայլով։ Բայց տարօրինակ է, երբ նայում ես տանջահար մարդու այդ դիակին, ապա մի առանձնահատուկ ու հետաքրքիր հարց է ծնվում. եթե ճիշտ այդպիսի դիակ էին տեսել (իսկ այն դիակը անպայման պետք է ճիշտ այդպիսին լիներ) նրա բոլոր աշակերտները, նրա ապագա գլխավոր առաքյալները, տեսել էին նրա հետևից գնացած և խաչի մոտ կանգնած կանայք, բոլոր նրան հավատացողներն ու պաշտողները, ապա, այդպիսի դիակին նայելով, ինչպե՞ս կարող էին հավատալ, որ այդ տառապյալը հարություն կառնի։ Այստեղ ակամա այն հասկացողությունն է առաջանում, որ եթե այդքան սարսափելի է մահը, և այդպես ուժեղ են բնության օրենքները, ապա ինչպե՞ս հաղթահարել դրանք։ Ինչպե՞ս հաղթահարել դրանք, երբ հիմա դրանք չհաղթահարեց նույնիսկ նա, ով իր ողջության ժամանակ հաղթահարում էր և բնությունը, որին ենթարկվում էր բնությունը, որը բացականչեց՝ «''Տալիթա կումի''», և աղջիկը տեղից վեր կացավ, «Ղազարոս, հեռացիր այստեղից», և մեռածը դուրս գնաց։ Այդ նկարին նայելիս բնությունը պատկերանում է ինչ֊որ վիթխարի, անողոք ու համր գազանի տեսքով կամ, ավելի ճիշտ կլինի ասել, թեև տարօրինակ, նորագույն կառուցվածքի որևէ մեքենայի տեսքով, որը խուլ ու անզգա, անիմաստորեն հափշտակել, փշուրփշուր արել և կուլ է տվել մի վսեմ ու անգին էակ, այնպիսի էակ, որը մենակ արժեր ամբողջ բնությանն ու նրա բոլոր օրենքներին, ամբողջ երկրին, որը գուցե միայն ստեղծված է եղել այդ էակի հայտնվելու համար։ Այդ պատկերով կարծես թե արտահայտվում է հենց այդ հասկացությունը խավար, լրբենի ու անիմաստորեն հավերժական ուժի մասին, որին ենթարկված է ամեն ինչ, և ակամա հաղորդվում է ձեզ։ Մեռածին շրջապատող այդ մարդիկ, որոնցից ոչ մի մարդ չկար նկարում, պետք է որ սարսափելի թախիծ ու հուզմունք զգային այն երեկո, որը միանգամից ջախջախեց նրանց բոլոր հույսերը և գրեթե հավատալիքները։ Նրանք պետք է որ ցրվեին ամենասարսափելի վախը սրտներում, թեև նրանցից յուրաքանչյուրը իր մեջ տանում էր մի վիթխարի միտք, որն արդեն երբեք չէր կարող նրանց միջից կորզվել։ Եվ եթե այդ ուսուցիչը կարողանար մահապատժի նախօրեին տեսնել իր պատկերը, ապա նա ինքը արդյոք այդպե՞ս խաչ կբարձրանար և այդպե՞ս կմեռներ, ինչպես հիմա։ Ակամա այդ միտքն էլ է ծագում, երբ նայում ես պատկերին։
 +
 +
Այդ բոլորն ինձ էլ պատկերանում էր կցկտուր, գուցե, իրոք, զառանցանքի հետ խառը, երբեմն նույնիսկ կերպարներով, Կոլյայի գնալուց հետո ամբողջ ժամ ու կես։ Արդյոք կարո՞ղ է կերպարներով պատկերանալ մի բան, որր կերպարանք չունի։ Բայց կարծես որոշ պահերի ինձ թվում էր, թե ես տեսնում եմ ինչ֊որ տարօրինակ ու անկարելի ձևով, այդ հավերժական ուժը, այդ խուլ, խավար ու համր էակին։ Ես հիշում եմ, որ մեկը ձեռքիցս բռնած, մոմը ձեռքին, տարավ, ցույց տվեց մի հսկայական նողկալի մորմ և սկսեց հավատացնել, թե դա հենց այն խավար, խուլ ու ամենազոր էակն է, և ծիծաղում էր վրդովմունքիս վրա։ Իմ սենյակում սրբապատկերի առաջ գիշերը միշտ կանթեղ են վառում, աղոտ ու չնչին մի լույս, բայց ամեն ինչ կարելի է ջոկել, իսկ կանթեղի տակ նույնիսկ կարելի է կարդալ։ Կարծում եմ, որ արդեն ժամը մեկն էր սկսվում. ես բոլորովին չէի քնել և պառկած էի բաց աչքերով, հանկարծ սենյակիս դուռը բացվեց, և ներս մտավ Ռոգոժինը։
 +
 +
Նա ներս մտավ, դուռը ծածկեց, լուռ նայեց ինձ և կամացուկ գնաց անկյունը, դեպի այն աթոռը, որը գրեթե ուղղակի կանթեղի տակ է։ Ես շատ զարմացա և նայում էի սպասումով, Ռոգոժինը արմունկները հենեց սեղանին և սկսեց լուռ նայել ինձ։ Այդպես անցավ երկու-երեք րոպե, և հիշում եմ, որ նրա լռությունը շատ վիրավորեց ու զայրացրեց ինձ։ Ախր ինչո՞ւ նա չի ուզում խոսել։ Այն, որ նա այդպես ուշ էր եկել, իհարկե, ինձ տարօրինակ թվաց, բայց հիշում եմ, որ առանձնապես զարմացած չէի հատկապես դրա համար։ Նույնիսկ ընդհակառակը, թեպետ առավոտյան նրան պարզ չհայտնեցի միտքս, բայց գիտեմ, որ նա հասկացավ, իսկ այդ միտքը այն բնույթի էր, որ դրա առթիվ, իհարկե, կարելի էր մի անգամ էլ գալ խոսելու, թեկուզ նույնիսկ շատ ուշ։ Ես այդպես էլ գիտեի, որ դրա համար է եկել։ Մենք առավոտյան մի քիչ թշնամաբար բաժանվեցինք, և ես նույնիսկ հիշում եմ, նա մի երկու անգամ ինձ վրա նայեց շատ ծաղրալի։ Հիմա նրա հայացքում ահա հենց այդ ծաղրը նկատեցի և հենց դա ինձ վիրավորեց։ Սկզբում ամենևին չէի կասկածում, որ դա իրոք Ռոգոժինն ինքն է, այլ ոչ թե տեսիլ, ոչ թե զառանցանք։ Նույնիսկ մտքովս չէր անցնում։
 +
 +
Մինչդեռ նա շարունակում էր նստած մնալ և շարունակ ինձ էր նայում ծաղրանքով։ Ես չարացած շրջվեցի անկողնում, նույնպես արմունկով հենվեցի բարձին և դիտմամբ որոշեցի նույնպես լռել, թեկուզ ամբողջ ժամանակ այդպես նստելու լինեինք։ Չգիտես ինչու ես անպայման ուզում էի, որ առաջինը նա սկսեր խոսել։ Կարծում եմ, այդպես անցավ մոտ քսան րոպե։ Հանկարծ մտածեցի՝ չլինի՞ դա ոչ թե Ռոգոժինն է, այլ միայն տեսիլ։
 +
 +
Ոչ հիվանդությանս ժամանակ և ոչ էլ առաջ ես դեռ երբեք, ոչ մի անգամ ոչ մի ուրվական չէի տեսել, բայց ինձ միշտ թվացել է, երբ դեռ փոքր տղա էի, և նույնիսկ հիմա, այսինքն՝ նորերս, որ եթե գեթ մի անգամ ուրվական տեսնեմ, տեղնուտեղը կմեռնեմ, նույնիսկ չնայած նրան, որ ոչ մի ուրվականի չեմ հավատում։ Բայց երբ մտքովս անցավ, որ դա Ռոգոժինը չէ, այլ միայն ուրվական է, ապա, հիշում եմ, բոլորովին չվախեցա։ Դեռ ավելին, նույնիսկ բարկացա դրա վրա։ Տարօրինակ է և այն, որ ինձ մի տեսակ այնքան էլ չէր զբաղեցնում ու անհանգստացնում ինչպես, թվում է, դա պետք է լիներ, այն հարցի լուծումը՝ ուրվակա՞ն է արդյոք, թե Ռոգոժինն ինքը, ինձ թվում է, որ այն ժամանակ ինչ֊որ ուրիշ բանի մասին էի մտածում։ Ինձ, օրինակ, շատ ավելի էր զբաղեցնում այն հարցը, թե ինչու Ռոգոժինը, որ առավոտյան տնային գիշերազգեստով ու տնային կոշիկներով էր, հիմա ֆրակով է, սպիտակ ժիլետով ու սպիտակ փողկապով։ Գլխովս անցնում էր նաև այս միտքը՝ եթե դա ուրվական է, և ես նրանից չեմ վախենում, ապա ինչո՞ւ տեղիցս վեր չկենամ, չմոտենամ նրան ու չհամոզվեմ։ Ասենք, գուցե ես չէի համարձակվում նույնիսկ վախենալ։ Բայց հենց որ մտածեցի, թե վախենում եմ, կարծես հանկարծ սառույց քսեցին ամբողջ մարմնիս, ցուրտ զգացի մեջքիս և ծնկներս դողացին։ Այդ նույն վայրկյանին, կարծես կռահելով, որ ես վախենում եմ, Ռոգոժինը ետ տարավ ձեռքը, որի վրա հենվել էր, շտկվեց և սկսեց բերանը շարժել, կարծես պատրաստվում էր ծիծաղել, նա շեշտակի նայում էր ինձ։ Այնպես կատաղեցի, որ ուղղակի ուզում էի հարձակվել նրա վրա, բայց քանի որ երդվել էի, որ առաջինը ես չեմ սկսի խոսել, ապա մնացի մահճակալի վրա, մանավանդ որ դեռևս համոզված չէի՝ արդյոք դա Ռոգոժինն ի՞նքն է, թե ոչ։
 +
 +
Հաստատ չեմ հիշում, թե դա ինչքան տևեց, հաստատ չեմ հիշում նաև, արդյոք երբեմն մի քանի րոպե ուշակորույս լինո՞ւմ էի, թե ոչ։ Միայն, վերջապես, Ռոգոժինը վեր կացավ, նույնպես դանդաղ և ուշադիր զննեց ինձ, ինչպես և առաջ, երբ ներս էր մտել, բայց քմծիծաղ տալը դադարեցրեց և կամացուկ, համարյա թաթերի ծայրին, դռանը մոտեցավ, բացեց, վրա քաշեց ու դուրս եկավ։ Ես անկողնից վեր չկացա. չեմ հիշում, էլի որքան ժամանակ պառկած մնացի, բաց աչքերով և շարունակ մտածում էի. աստված գիտի, թե ինչի մասին էի մտածում, չեմ հիշում նաև, թե ինչպես քնով անցա։ Հաջորդ առավոտյան ես արթնացա, երբ դուռս բախեցին, ժամը տասին մոտ։ Մենք այնպես ենք պայմանավորվել, որ եթե մինչև ժամը տասի կողմը ինքս բաց չանեմ դուռը և չբղավեմ, որ ինձ թեյ տան, ապա Մատրյոնան ինքը պետք է բախի դուռը։ Երբ դուռը բաց արի նրա առաջ, իսկույն գլխովս մի միտք անցավ. ինչպե՞ս կարող էր Ռոգոժինը մտնել, երբ դուռը կողպած էր։ Ես տեղեկացա և համոզվեցի, որ իսկական Ռոգոժինի համար ներս մտնելն անհնար էր, որովհետև մեր բոլոր դռները գիշերը փակվում են կողպեքով։
 +
 +
Ահա այսպես մանրամասնորեն նկարագրած հենց այս առանձնահատուկ դեպքը պատճառ եղավ, որ ես բոլորովին «վճռեցի»։ Նշանակում է, վերջնական վճռին նպաստեց ոշ թե տրամաբանությունը, ոչ թե տրամաբանական համոզմունքը, այլ նողկանքը։ Չի կարելի մնալ այն կյանքում, որն ընդունում է այդպիսի տարօրինակ, ինձ վիրավորող ձևեր։ Այդ տեսիլն ինձ ստորացրեց։ Ես անզոր եմ ենթարկվել մորմի տեսք ընդունած խավար ուժին։ Եվ միայն այն ժամանակ, երբ ես, արդեն մթնշաղին, վերջապես իմ մեջ զգացի լիակատար վճռականության վերջնական րոպեն, թեթևություն զգացի։ Դա միայն առաջին փուլն էր. հաջորդ փուլի համար ես գնացի Պավլովսկ, բայց դա արդեն բավականաչափ բացատրված է։
 +
 +
=== VII ===
 +
 +
«Ես մի փոքրիկ գրպանի ատրճանակ ունեի, դա ձեռք էի բերել, երբ դեռ երեխա էի, այն ծիծաղելի տարիքում, երբ հանկարծ սկսում են դուր գալ պատմությունները մենամարտերի, ավազակների հարձակումների մասին, այն մասին, թե ինչպես ինձ էլ մենամարտի կկանչեն և ինչպես վեհորեն կկանգնեմ ատրճանակի առաջ։ Այն արկղում, որտեղ ատրճանակս էր դրված, գտնվեց երկու գնդակ, իսկ վառոդի եղջյուրի մեջ մի երեք լիցքի վառոդ։ Այդ ատրճանակը անպետք բան է, կրակում է շեղ և դիպչում է միայն տասնհինգ քայլի վրա, բայց, իհարկե, կարող է գանգը մի կողմ շուռ տալ, եթե փողը ուղիղ քունքիդ դնես։
 +
 +
Ես որոշել եմ մեռնել Պավլովսկում, արևածագին և իջնելով զբոսայգին, որպեսզի ոչ ոքի չանհանգստացնեմ ամառանոցում։ Իմ «Բացատրությունը» ամբողջ գործը բավականաչափ կբացատրի ոստիկանությանը։ Հոգեբանության սիրահարները և նրանք, ում հարկավոր է, ինչ ուզենան, կարող են հետևցնել նրանից։ Սակայն ես չէի ցանկանա, որ այս ձեռագիրը հրապարակվեր։ Խնդրում եմ իշխանին մի օրինակ պահել իր մոտ և մի օրինակը հանձնել Ագլայա Իվանովնա Եպանչինային։ Այդպես է իմ կամքը։ Դիակս կտակում եմ բժշկական ակադեմիային գիտական օգուտի համար։
 +
 +
Ես ինձ վրա դատավորներ չեմ ճանաչում և գիտեմ, որ հիմա ամեն մի դատարանի իշխանությունից դուրս եմ։ Դեռ վերջերս մի ենթադրություն ծիծաղս շարժեց. ի՞նչ կլիներ, եթե հանկարծ խելքիս փչեր հիմա որևէ մեկին սպանել, թեկուզ միանգամից տասը հոգու, կամ թե մի ամենասարսափելի բան անեի, ինչ որ ամենասարսափելին է համարվում այս աշխարհում, ապա իմ առաջ ի՞նչ անհարմար վիճակի մեջ կընկներ դատարանը իմ երկու-երեք շաբաթվա ժամկետով և տանջանքների ու խոշտանգումների ոչնչացմամբ։ Ես բարեհարմար վիճակում կմեռնեի նրանց հիվանդանոցում, տաք սենյակում և ուշադիր բժշկով, և, գուցե, շատ ավելի բարեհարմար ու տաք, քան սեփական տանս։ Չեմ հասկանում, ինչու իմ վիճակում գտնվող մարդկանց գլխով էլ այսպիսի միտք չի անցնում, թեկուզև միայն ի սեր կատակի։ Ասենք, գուցե և անցնում է. ուրախ մարդիկ մեզանում էլ շատ կգտնվեն։
 +
 +
Բայց եթե անգամ ես դատարան չեմ ճանաչում ինձ վրա, համենայն դեպս գիտեմ, որ ինձ կզատեն, երբ ես արդեն խուլ ու անձայն պատասխանող կլինեմ։ Չեմ ուզում հեռանալ առանց պատասխանի խոսք թողնելու, ազատ, այլ ոչ թե հարկադրական խոսք, ոչ թե արդարանալու համար, ո՜չ. ես ոչ ոքից և ոչնչի համար ներողություն խնդրելու բան չունեմ, այլ այնպես, որովհետև ինքս եմ ուզում դա։
 +
 +
Այստեղ նախ և առաջ մի տարօրինակ միտք է առաջանում. ո՞ւմ մտքով կանցներ, հանուն ո՞ր իրավունքի, հանուն ի՞նչ մղումի այժմ ինձ հետ վիճել և ժխտել այդ երկու-երեք շաբաթվա ժամկետի իմ իրավունքը։ Այստեղ ո՞ր դատարանի ինչ գործն է։ Ո՞ւմ է պետք, որ ես ոչ միայն դատապարտվեի, այլև բարեբարո համբերությամբ դիմանայի դատապարտության ժամկետին։ Մի՞թե հիրավի դա որևէ մեկին պետք է։ Բարոյականությա՞ն համար։ Ես դեռ հասկանում եմ, որ եթե փթթուն առողջությամբ և ուժերով լեցուն վիճակում ոտնձգություն անեի կյանքիս դեմ, որը «կարող էր օգտակար լինել մերձավորիս» և այլն, ապա, ըստ հնամոլ բարքերի, բարոյականությունը դեռ կարող էր ինձ կշտամբել նրա համար, որ առանց հարցնելու տնօրինել եմ կյանքս, կամ ինչի համար որ ինքը կուզի։ Իսկ հիմա, հիմա, երբ ինձ արդեն կարդացել են դատավճռի ժամկե՞տը։ Էլ ի՞նչ բարոյականություն է պետք, բացի ձեր կյանքից և վերջին խռխռոցից, որով կտաք ձեր կյանքի վերջին ատոմը, ունկնդրելով իշխանի մխիթարանքներին, որը իր քրիստոնեական ապացույցներում անպայման կհասնի այն երջանիկ մտքին, որ ըստ էության նույնիսկ ավելի լավ է, որ մեռնում ենք։ (Նրա նման քրիստոնյաները միշտ հասնում են այդ մտքին, դա նրանց սիրած բանն է)։ Եվ ի՞նչ են ուզում նրանք իրենց ծիծաղելի «պավլովսկյան ծառերով»։ Քաղցրացնել կյանքիս վերջին ժամե՞րը։ Մի՞թե նրանց համար հասկանալի չէ, որ որքան ավելի մոռացության տրվեմ, որքան ավելի անձնատուր լինեմ կյանքի ու սիրո այդ վերջին ուրուին, որոնցով նրանք ուզում են ինձնից ծածկել իմ Մեյերի պատը, և այն ամենը, ինչ գրված է նրա վրա այնպես անկեղծ ու պարզասրտորեն, այնքան ավելի դժբախտ կդարձնեն ինձ։ Իմ ինչի՞ն է պետք ձեր բնությունը, ձեր պավլովսկյան զբոսայգին, ձեր արևածագերն ու մայրամուտները, ձեր կապույտ երկինքը և ամեն ինչից գոհ ձեր դեմքերը, եթե այդ ողջ խնջույքը, որը վախճան չունի, նրանով սկսեց, որ միայն ինձ համարեց ավելորդ։ Ինչի՞ս է պետք այս ամբողջ գեղեցկությունը, երբ ես ամեն րոպե, ամեն վայրկյան հիմա պետք է և հարկադրված եմ գիտենալ, որ նույնիսկ ահա այս պստլիկ մժղուկը, որը հիմա տզտզում է ինձ մոտ արևի ճառագայթի մեջ, նույնիսկ նա մասնակից է այս ամբողջ խնջույքին ու խմբին, գիտի իր տեղը, սիրում է այն ու երջանիկ է, և մենակ ես եմ վիժվածք, և միայն փոքրոգությանս պատճառով մինչև հիմա չէի ուգամ դա հասկանալ։ Օ, չէ որ ես գիտեմ, թե ինչպես կուզենային իշխանը և բոլոր նրանք ինձ այնտեղ հասցնել, որ ես էլ, այս բոլոր «խարդախ ու չար» խոսքերի փոխարեն բարեբարոյությունից դրդված և բարոյականության հաղթանակի համար երգեի Միլվուայի հանրահայտ ու կլասիկ բանաստեղծության տունը.
 +
 +
О, puissent voir votre beauté sacrée<br />
 +
Tant d’amis sourds à mes adieux!<br />
 +
Qu’ils meurent pleins de jours, que leur mort soit pleurée,<br />
 +
Qu’un ami leur ferme les yeux!<ref>1 Օ՜, ձեր սրբազան գեղեցկությունը թող նոքա՛ տեսնեն,//Բարեկամներն այն, որ խուլ ձևացան, երբ ես հեռացա,//Թող ծեր հասակում գերեզման իջնեն,//Թող նոցա մահը ողբան ու կոծեն,Մերձավորների ձեռքով թող փակվեն աչքերը նոցա...//(Թարգմ. Պ. Միքայելյան)։
 +
</ref>
 +
 +
Բայց հավատացեք, հավատացեք, պարզասիրտ մարդիկ, որ այդ բարեբարո բանաստեղծական տան մեջ էլ, ֆրանսիական բանաստեղծության՝ աշխարհին ուղղած այս ակադեմիական օրենքի մեջ էլ այնքան թաքուն մաղձ կա, այնքան ինքն իրեն հաճույք պատճառող հանգավոր չարություն, որ նույնիսկ բանաստեղծն ինքը, գուցե, անհարմար դրության մեջ է ընկել և այդ չարությունը խանդաղատանքի արցունքի տեղ է դրել ու այդպես էլ մեռել. հանգի՜ստ նրա աճյունին։ Գիտցեք, որ սեփական ոչնչությունն ու վատուժությունը գիտակցելու ամոթալի այնպիսի սահման կա, որից այն կողմ արդեն մարդ չի կարող գնալ և ահա սկսում է իր բուն խայտառակությունից հսկայական բավականություն զգալ․․․ Դե, իհարկե, այդ իմաստով խոնարհվելը հսկայական ուժ է, ես այդ ընդունում եմ, թեև ոչ այն իմաստով, ինչ իմաստով որ կրոնը խոնարհվելը համարում է ուժ։
 +
 +
Կրո՜նը։ Հավիտենական կյանքը ես հնարավոր եմ համարում և, գուցե, միշտ էլ համարում էի։ Թող որ գեղեցկությունը վառվել է բարձրագույն ուժի կամքով, թող որ այդ կամքը նայել է աշխարհին ու ասել՝ «ես կա՛մ», և թող որ հենց այդ բարձրագույն ուժը հանկարծ գիտակցությանը պատվիրագրել է ոչնչանալ, որովհետև չգիտես ինչու և նույնիսկ առանց բացատրության՝ թե ինչու, դա պետք է, թո՛ղ, ես այդ բոլորը հնարավոր եմ համարում, բայց դարձյալ նույն հավիտենական հարցը. ընդսմին ինչո՞ւ է անհրաժեշտ իմ հնազանդվելը։ Մի՞թե չի կարելի ինձ ուղղակի ուտել առանց ինձնից գովասանք պահանջելու նրա հասցեին, ինչը ինձ կերավ։ Մի՞թե իրոք այնտեղ որևէ մեկը կվիրավորվի, որ ես չեմ ուզում սպասել երկու շաբաթ, չեմ հավատում դրան, և եթե կուզեք, շատ ավելի ուղիղ կլինի ենթադրել, որ այստեղ պետք է եկել իմ չնչին կյանքը, հյուլեի կյանքը, ամբողջովին ինչ-որ համընդհանուր ներդաշնակության լրացման համար, ինչ֊որ պլյուսի ու մինուսի համար, մի որևէ կոնտրաստի համար և այլն, և այլն, ճիշտ այնպես, ինչպես ամենայն օր պետք է գալիս բազմաթիվ էակների կյանքը, առանց որոնց մահվան մնացած աշխարհը չի կարող կանգուն մնալ (թեև պետք է նկատել, որ սա ինքնըստինքյան այնքան էլ մեծահոգի միտք չէ)։ Բայց թո՛ղ։ Ես համաձայն եմ, որ առանց մշտապես միմյանց ուտելու ոչ մի կերպ հնարավոր չէր կառուցել աշխարհը, ես նույնիսկ համաձայն եմ ենթադրել, որ ոչինչ չեմ հասկանում այդ կառուցվածքում, բայց փոխարենը ահա ինչ գիտեմ հաստատ. եթե մի անգամ արդեն ինձ տվել են այն գիտակցությունը, որ «ես կամ», ապա իմ ի՞նչ գործն է, թե աշխարհը կառուցված է սխալներով և որ այլ կերպ նա չի կարող կանգուն մնալ։ Դրանից հետո այդ ո՞վ և ինչի՞ համար պետք է ինձ դատի։ Ինչպես կուզեք, այս բոլորը անհնար է ու անարդարացի։
 +
 +
Մինչդեռ ես երբեք, չնայած նույնիսկ ողջ ցանկությանս, չեմ կարողացել պատկերացնել, որ ապագա կյանք և նախախնամություն չկա։ Ամենից ճիշտն այն է, որ այդ ամենը կա, բայց մենք ոչինչ չենք հասկանում ապագա կյանքից և նրա օրենքներից։ Բայց եթե դա այդպես դժվար է և նույնիսկ բոլորովին անհնար է հասկանալ, ապա մի՞թե ես պետք է պատասխան տամ նրա համար, որ անկարող էի հասկանալ անիմանալին։ Ճիշտ է, նրանք ասում են, և իհարկե, իշխանն էլ նրանց հետ, որ հենց այստեղ է պետք հնազանդությունը, որ հնազանդվել պետք է առանց դատողությունների, լոկ միայն բարեբարոյությունից և որ իմ հեզության փոխարեն ես անպայման կվարձատրվեմ այն աշխարհում։ Մենք սաստիկ ստորացնում ենք նախախնամությունը, նրան վերագրելով մեր հասկացությունները, զայրույթից, որ չենք կարող հասկանալ նրան։ Բայց դարձյալ, եթե անհնար է նրան հասկանալը, ապա, կրկնում եմ, դժվար է նաև պատասխան տալ այն բանի համար, ինչն անկարող է մարդը հասկանալ։ Իսկ եթե այդպես է, հապա ինչպե՞ս կարող են ինձ դատել այն բանի համար, որ ես չէի կարող հասկանալ նախախնամության իսկական կամքն ու օրենքները։ Ոչ, ավելի լավ է թողնենք կրոնը։
 +
 +
Համ էլ բավական է։ Երբ այս տողերին հասնեմ, հավանաբար արդեն կծագի արևը և «կերգի արփին», և ամբողջ ընդարեգնյա աշխարհում կհորդի վիթխարի, անչափելի մի ուժ։ Թո՛ղ։ Ես կմեռնեմ ուղղակի նայելով ուժի ու կյանքի աղբյուրին, և չեմ ցանկանա այդ կյանքը։ Եթե ես չծնվելու իշխանությունն ունենայի, ապա հավանաբար չէի ընդունի գոյությունը այսպիսի ծաղրալի սկզբունքներով։ Բայց ես դեռ ունեմ մեռնելու իշխանությունը, թեև վերադարձնում եմ արդեն ինձ տրվածը։ Մի մեծ իշխանության չէ, ոչ էլ մեծ ըմբոստացում։
 +
 +
Մի վերջին բացատրություն. ես մեռնում եմ բոլորովին էլ ոչ նրա համար, որ անկարող եմ տանել այս երեք շաբաթը. օ, իմ ուժը կպատեր, և եթե ուզենայի, ապա արդեն բավականաչափ մխիթարված կլինեի լոկ ինձ հասցրած վիրավորանքի գիտակցումից. բայց ես ֆրանսիացի բանաստեղծը չեմ և չեմ ուզում այդպիսի մխիթարանքներ։ Եվ վերջապես գայթակղությունը. բնությունն այն աստիճան է սահմանափակել իմ գործողությունն իր դատավճռի երեք շաբաթով, որ, գուցե, ինքնասպանությունը միակ գործն է, որը ես դեռ կարող եմ սկսել ու ավարտել սեփական կամքովս։ Ի՛նչ կա որ, գուցե ես հենց ուզում եմ օգտվել ''գործ'' անելու վերջին հնարավորությունի՞ց։ Բողոքը երբեմն փոքր գործ չէ...»։
 +
 +
«Բացատրությունն» ավարտված էր, Իպոլիտը, վերջապես կանգ առավ...
 +
 +
Ծայրահեղ դեպքերում լինում է ցինիկ անկեղծության այն վերջին աստիճանը, երբ գրգռված և իր չափը կորցրած ջղային մարդը արդեն ոչնչից չի վախենում և պատրաստ է թեկուզ ամեն մի սկանդալի, նույնիսկ ուրախ է դրա համար, հարձակվում է մարդկանց վրա, ընդսմին անորոշ, բայց հաստատ նպատակ ունենալով անպայման մի րոպե անց ցած գլորվել զանգակատնից և դրանով միանգամից լուծել բոլոր տարակուսանքները, եթե այդ ժամանակ այդպիսիք լինեին։ Սովորաբար այդպիսի վիճակի նշանը լինում է նաև ֆիզիկական ուժերի վերահաս սպառումը։ Մինչև հիմա Իպոլիտին պահող արտակարգ, գրեթե անբնական լարումը հասել էր այդ վերջին աստիճանին։ Ինքնըստինքյան այդ տասնութամյա, հիվանդությունից հյուծված տղան թվում էր թույլ, ինչպես ծառից պոկված դողդոջուն տերև, բայց հենց որ նա հայացքը հածեց իր ունկնդիրների վրա,— առաջին անգամ ամբողջ վերջին ժամվա ընթացքում,— ապա անմիջապես ամենամեծամիտ, ամենաարհամարհական ու վիրավորական նողկանք արտահայտվեց նրա հայացքում և ժպիտի մեջ։ Նա շտապում էր իր մարտահրավերը հայտնելու։ Բայց ունկնդիրներն էլ կատարելապես վրդովված էին։ Բոլորն աղմուկով ու սրդողած վեր էին կենում սեղանի մոտից։ Հոգնածությունը, գինին, լարվածությունը սաստկացնում էին տպավորությունների անկարգությունն ու կարծես թե կեղտը, եթե կարելի է այսպես արտահայտվել։
 +
 +
Հանկարծ Իպոլիտն արագ վեր թռավ աթոռից, կարծես տեղից պոկվեց։
 +
 +
— Արևը՜ ծագեց,— բղավեց նա, տեսնելով ծառերի փայլող կատարները և դրանք ցույց տալով իշխանին, ինչպես հրաշք,— ծագե՜ց։
 +
 +
— Իսկ դուք կարծում էիք չի՞ ծագի, ինչ է,— նկատեց Ֆերդիշչենկոն։
 +
 +
— Նորից անտանելի շոգ ամբողջ օրը,— անփույթ բարկությամբ փնթփնթաց Գանյան, գլխարկը ձեռքին բռնած, ճմլկոտալով ու հորանջելով,— բա որ ամբողջ ամիս այսպիսի երաշտ լինի՜... Գնո՞ւմ ենք, թե չէ, Պտիցին։
 +
 +
Իպոլիտը ականջ էր դնում ապշության հասնող զարմանքով. հանկարծ նա սարսափելի գունատվեց և, ամբողջովին ցնցվեց։
 +
 +
— Դուք շատ ապաշնորհ եք ձևացնում ձեր անտարբերությունը, որպեսզի ինձ վիրավորեք,— խոսքն ուղղեց նա Գանյային, շեշտակի նայելով նրան,— դուք սրիկա՛ եք։
 +
 +
— Դե, սա արդեն սատանան գիտի, թե ինչ է, կոճակներն այդպես արձակե՜լ,— պոռաց Ֆերդիշչենկոն,— սա ի՞նչ ֆենոմենալ վատուժությո՜ւն է։
 +
 +
— Ուղղակի հիմար է,— ասաց Գանյան։
 +
 +
Իպոլիտը փոքր֊ինչ հավաքեց ինքն իրեն։
 +
 +
— Ես հասկանում եմ, պարոնայք,— սկսեց նա, առաջվա պես դողալով ու դեմ ընկնելով ամեն բառին,— որ կարող էի արժանանալ ձեր անձնական վրիժառությանը, և․․․ ափսոսում եմ, որ ձեզ տանջեցի այդ զառանցանքով (նա ցույց տվեց ձեռագիրը), բայց, ասենք, ափսոսում եմ, որ ամբողջովին չտանջեցի... (նա հիմարավուն ժպտաց), տանջեցի՞, Եվգենի Պավլովիչ,— հանկարծ նրան դիմեց նա իր հարցով,— տանջեցի՞, թե ոչ։ Ասացեք։
 +
 +
— Ձգձգված է մի քիչ, բայց և այնպես...
 +
 +
— Ասացեք ամեն ինչ։ Մի ստեք գեթ մի անգամ ձեր կյանքում,— դողում ու հրամայում էր Իպոլիտը։
 +
 +
— Օ, ինձ համար բոլորովին մեկ է։ Շնորհ արեք, խնդրեմ, հանգիստ թողնել ինձ,— զզվանքով մի կողմ շրջվեց Եվգենի Պավլովիչը։
 +
 +
— Բարի գիշեր, իշխան,— իշխանին մոտեցավ Պտիցինը։
 +
 +
— Նա հիմա ինքնասպանություն կգործի, այդ ի՜նչ եք անում։ Նայեցեք նրան,— բղավեց Վերան և սաստիկ վախեցած նետվեց դեպի Իպոլիտը և նույնիսկ բռնեց նրա ձեռքը,— ախր նա ասաց, որ արևածագին ինքնասպանություն կգործի, դուք ի՜նչ եք անում։
 +
 +
— Չի՜ գործի,— չարախնդությամբ մրթմրթացին մի քանի ձայներ, այդ թվում Գանյան։
 +
 +
— Պարոնայք, զգուշացեք,— բղավեց Կոլյան, նույնպես բռնելով Իպոլիտի ձեռքը,— դուք միայն նայեցեք նրան։ Իշխա՜ն։ Իշխա՜ն։ Ի՜նչ եք կանգնել։
 +
 +
Իպոլիտի շուրջը խմբվեցին Վերան, Կոլյան, Կելլերը և Բուրդովսկին. բոլոր չորսը ձեռներով բռնեցին նրան։
 +
 +
— Նա իրավունք ունի, իրավո՜ւնք...— մրթմրթում էր Բուրդովսկին, ի դեպ, նույնպես բոլորովին ինքն իրեն կորցրած։
 +
 +
— Թույլ տվեք, իշխան, ի՞նչ կարգադրություն կանեք,— իշխանին մոտեցավ Լեբեդևը հարբած և լկտիության աստիճան չարացած։
 +
 +
— Ի՞նչ կարգադրություններ։
 +
 +
— Ո՛չ, թույլ տվեք, ես եմ տանտերը, թեև չեմ ուզում անտեսել հարգանքս դեպի ձեզ։ Ենթադրենք, որ դուք էլ տանտեր եք, բայց ես չեմ ուզում, որ իմ սեփական տան մեջ այսպես... Այսպե՛ս։
 +
 +
— Ինքնասպանություն չի գործի, գժություն է անում անպիտան տղան,— զայրույթով ու ապլոմբով անսպասելիորեն բղավեց գեներալ Իվոլգինը։
 +
 +
— Այ քեզ գեներա՜լ,— վրա բերեց Ֆերդիշչենկոն։
 +
 +
— Գիտեմ որ չի գործի, գեներալ, մեծարգո գեներալ, բայց և այնպես... որովհետև ես տանտերն եմ։
 +
 +
— Լսեցեք, պարոն Տերենտև,— ասաց հանկարծ Պտիցինը, հրաժեշտ տալով իշխանին և ձեռքը մեկնելով Իպոլիտին,— դուք, կարծեմ, ձեր տետրակում խոսում եք ձեր կմախքի մասին և այն կտակում եք ակադեմիայի՞ն։ Այդ դուք ձեր կմախքի՞, ձեր սեփակա՞ն, այսինքն՝ ձեր ոսկորնե՞րն եք կտակում։
 +
 +
— Այո, իմ ոսկորները...
 +
 +
— Բանն էլ հենց այդ է։ Թե չէ ախր կարելի է սխալվել. ասում են, արդեն եղել է այդպիսի դեպք։
 +
 +
— Ի՜նչ եք ծաղրում նրան,— հանկարծ գոչեց իշխանը։
 +
 +
— Մինչև իսկ լացացրիք,— ավելացրեց Ֆերդիշչենկոն։
 +
 +
Բայց Իպոլիտը բոլորովին էլ չէր լալիս։ Նա տեղից շարժվեց, բայց նրան շրջապատած չորս հոգին հանկարծ միանգամից բռնեցին նրա ձեռքերը։ Լսվեց ծիծաղ։
 +
 +
— Հենց այնպես էլ անում էր, որ ձեռքերը բռնեն, դրա համար էլ կարդաց տետրակը,— նկատեց Ռոգոժինը։— Մնաս բարով, իշխան։ Էխ, ինչքան նստեցինք. ոսկորներս ցավեցին։
 +
 +
— Եթե իրոք ուզում էիք ինքնասպանություն գործել, Տերենտև,— ծիծաղեց Եվգենի Պավլովիչը,— ապա ձեր տեղը լինեի, այսպիսի հաճոյախոսություններից հետո դիտմամբ չէի գործի, որպեսզի նրանց ձեռք առնեի։
 +
 +
— Նրանք շատ են ուզում տեսնել, թե ես ինչպես ինքնասպան կլինեմ,— նրա վրա պրծավ Իպոլիտը։
 +
 +
Նա խոսում էր կարծես հարձակվելով։
 +
 +
— Նրանք չարանում են, որ չեն տեսնի։
 +
 +
— Ուրեմն դո՞ւք էլ կարծում եք, որ չեն տեսնի։
 +
 +
— Ես ձեզ չեմ հրահրում. ես, ընդհակառակը, կարծում եմ, շատ հնարավոր է, որ կգործեք ինքնասպանություն։ Գլխավորը, մի բարկացեք,— ծոր տվեց Եվգենի Պավլովիչը, հովանավորող տոնով ձգելով իր բառերը։
 +
 +
— Ես միայն հիմա եմ տեսնում, որ սարսափելի սխալ գործեցի, նրանց համար կարդալով այս տետրը,— ասաց Իպոլիտը, հանկարծ այնպիսի դյուրահավատոէթյամբ նայելով Եվգենի Պավլովիչին, որ կարծես ընկերոջից բարեկամական խորհուրդ էր խնդրում։
 +
 +
— Ծիծաղաշարժ դրություն է, բայց... իսկապես, չգիտեմ ինչ խորհուրդ տամ ձեզ,— ժպտալով պատասխանեց Եվգենի Պավլովիչը։
 +
 +
Իպոլիտը խստահայաց, շեշտակի նայում էր նրան, առանց աչքը կտրելու, և լռում էր։ Կարելի էր կարծել, որ ժամանակ առ ժամանակ նա բոլորովին ինքնամոռացության գիրկն էր ընկնում։
 +
 +
— Ո՛չ, թո՛ւյլ տվեք, ախր ձևը ինչպիսի՜ ձև է,— խոսեց Լեբեդևը,— «ինքնասպանություն կգործեմ, այսինքն, զբոսայգում, որպեսզի ոչ ոքի չանհանգստացնե՜մ»։ Այդ նա կարծում է, թե ոչ ոքի չի անհանգստացնի, եթե սանդուղքից երեք աստիճան ցած իջնի այգի։
 +
 +
— Պարոնայք...— սկսեց իշխանը։
 +
 +
—- Ոչ, թույլ տվեք, մեծարգո իշխան,— կատաղորեն կպավ Լեբեդևը,— քանի որ դուք ինքներդ բարեհաճում եք տեսնել, որ սա կատակ չէ, և քանի որ ձեր հյուրերի առնվազն կեսը նույն կարծիքին է, և համոզված են, որ հիմա, այստեղ արտասանած խոսքերից հետո, նա անպայման պետք է ինքնասպանություն գործի պատվից դրդված, ապա ես տանտեր եմ և վկաների ներկայությամբ հայտարարում եմ, որ ձեզ հրավիրում եմ օժանդակելու։
 +
 +
— Իսկ ի՞նչ է հարկավոր անել, Լեբեդև։ Ես պատրաստ եմ ձեզ օժանդակելու։
 +
 +
— Ահա թե ինչ. նախ և առաջ, որ նա անմիջապես հանձնի իր ատրճանակը, որով նա պարծենում էր մեր առաջ, իր բոլոր պարագայքով հանդերձ։ Եթե հանձնի, ապա ես համաձայն եմ, որ նրան թույլ տրվի այս գիշեր այս տանը գիշերել, նկատի ունենալով նրա հիվանդագին վիճակը, պայմանով միայն, որ իմ հսկողության տակ լինի։ Բայց վաղը թող անպայման գնա ուր որ կամենա, ներեցեք, իշխան։ Իսկ եթե զենքը չի հանձնի, ապա ես անմիջապես, հենց հիմա, բռնում եմ նրա ձեռքերը, մեկը՝ ես, մյուսը՝ գեներալը, և անմիջապես մարդ կուղարկեմ ոստիկանությանն իմաց տալու, և այն ժամանակ արդեն գործը կանցնի ոստիկանության հայեցողությանը։ Պարոն Ֆերդիշչենկոն, իբրև ծանոթ, կգնա։
 +
 +
Աղմուկ բարձրացավ. Լեբեդևը տաքանում և արդեն չափն անց էր կացնում, Ֆերդիշչենկոն պատրաստվեց ոստիկանատուն գնալու, Գանյան մոլեգնորեն պնդում էր, որ ոչ ոք ինքնասպանություն չի գործի, Եվգենի Պավլովիչը լռում էր։
 +
 +
— Իշխան, երբևէ զանգակատնից ցած գլորվե՞լ եք,— հանկարծ նրան շշնջաց Իպոլիտը։
 +
 +
— Ո֊ոչ...— միամտորեն պատասխանեց իշխանը։
 +
 +
— Մի՞թե կարծում եք, թե ես չէի նախատեսում այս ամբողջ ատելությունը,— նորից շշնջաց Իպոլիտը, աչքերը պսպղացնելով և նայելով իշխանին, կարծես իսկապես էլ նրանից պատասխան էր սպասում։— Բավական է,— բղավեց նա հանկարծ ամբողջ հասարակության վրա,— ես մեղավոր եմ... բոլորից ավելի՜։ Լեբեդև, ահա բանալին (նա հանեց դրամապանակը և նրա միջից մի պողպատե օղակ երեք թե չորս փոքրիկ բանալիներով), ահա սա է, նախավերջինը... Կոլյան ձեզ ցույց կտա... Կո՜լյա։ Ո՞ւր է Կոլյան,— բղավեց նա Կոլյային նայելով ու չտեսնելով նրան,— այո... ահա նա ձեզ ցույց կտա. նա քիչ առաջ ինձ հետ էր դասավորում պայուսակը... այս փոքրիկ բանալիով, ցածր, փոքրիկ սնդուկում է... իմ ատրճանակն ու վառոդով եղջյուրը։ Այն ժամանակ նա ինքը դասավորեց, պարոն Լեբեդև, նա ձեզ ցույց կտա, բայց պայմանով, որ վաղն առավոտյան, երբ ես Պետերբուրգ մեկնեմ, ետ տաք ատրճանակս։ Լսո՞ւմ եք, սա ես անում եմ իշխանի համար, ոչ թե ձեզ համար։
 +
 +
— Այ այսպես ավելի լա՜վ է,— բանալին չանթեց Լեբեդևը և, թունոտ քմծիծաղ տալով, վազեց հարևան սենյակը։
 +
 +
Կոլյան կանգ առավ, ուզեց մի բան ասել, բայց Լեբեդևը նրան քարշ տվեց իր հետևից։
 +
 +
Իպոլիտը նայում էր ծիծաղող հյուրերին, իշխանը նկատեց, որ նրա ատամները կափկափում են, ինչպես ամենասաստիկ դողի ժամանակ։
 +
 +
— Ինչպիսի՜ անպիտաններն են նրանք բոլորը,— նորից կատաղած շշնջաց Իպոլիտը իշխանին։ Երբ նա խոսում էր իշխանի հետ, շարունակ թեքվում ու շշնջում էր։
 +
 +
— Թողեք նրանց, դուք շատ թույլ եք...
 +
 +
— Հիմա, հիմա... հիմա կգնամ։
 +
 +
Հանկարծ նա գրկեց իշխանին։
 +
 +
— Դուք գուցե գտնում եք, որ ես խելագա՞ր եմ,— նայեց նա իշխանին, տարօրինակ ծիծաղելով։
 +
 +
— Ոչ, բայց դուք...
 +
 +
— Հիմա, հիմա, լռեցեք, ոչինչ մի ասեք, կացեք... ես ուզում եմ նայել ձեր աչքերին... կանգնեք այդպես, ես կնայեմ։ Ես հրաժեշտ կտամ Մարդուն։
 +
 +
նա կանգնել և անշարժ ու լուռ նայում էր իշխանին մոտ տասը վայրկյան, խիստ գունատ, քրտինքից թրջված քունքերով և մի տեսակ տարօրինակ ձևով բռնած իշխանի ձեռքը, ասես վախենալով բաց թողնել։
 +
 +
— Իպոլիտ, Իպոլիտ, ձեզ ի՞նչ է պատահել,— գոչեց իշխանը։
 +
 +
— Հիմա... բավական է... ես կպառկեմ։ Ես արևի կենացը կխմեմ մի կում... ես ուզում եմ, ես ուզում եմ, թողե՜ք։
 +
 +
Նա սեղանից արագ վերցրեց բաժակը, պոկվեց տեղից և մի ակնթարթում մոտեցավ պատշգամբի ելքին։ Իշխանը վազեց նրա հետևից, բայց այնպես պատահեց, որ հենց այդ ակնթարթին Եվգենի Պավլովիչը ձեռքը մեկնեց նրան հրաժեշտ տալով։ Անցավ մի վայրկյան, և հանկարծ ընդհանուր աղաղակ լսվեց պատշգամբում։ Ապա վրա հասավ արտասովոր իրարանցման մի րոպե։
 +
 +
Ահա թե ինչ պատահեց.
 +
 +
Ընդհուպ մոտենալով պատշգամբի ելքին, Իպոլիտը կանգ առավ, ձախ ձեռքում բռնած բաժակը և աջ ձեռքը տանելով վերարկուի աջ գրպանը։ Կելլերը հետո հավատացնում էր, որ դեռ առաջ էլ Իպոլիտը այդ ձեռքը շարունակ գրպանում էր պահում, երբ դեռ խոսում էր իշխանի հետ և ձախ ձեռքով բռնում էր նրա ուսը և օձիքը, և որ հենց գրպանում պահած այդ աջ ձեռքն էր, հավատացնում էր Կելլերը, որ իբր նրա մեջ ծնեց առաջին կասկածը։ Ինչ էլ որ լիներ, բայց որոշ անհանգստություն նրան էլ հարկադրել էր վազել Իպոլիտի հետևից։ Բայց նա էլ չէր հասցրել։ Նա միայն տեսել էր, թե ինչպես Իպոլիտի աջ ձեռքում մի բան էր փայլել և ինչպես հենց այդ վայրկյանին գրպանի մի փոքրիկ ատրճանակ հայտնվել էր ուղիղ նրա քունքի մոտ։ Կելլերը նետվել էր բռնելու նրա ձեռքը, բայց հենց նույն վայրկյանին Իպոլիտը իջեցրել էր հրահանը։ Լսվեց հրահանի կտրուկ, չոր ճրթոցը, բայց կրակոց չհաջորդեց։ Երբ Կելլերը գրկեց Իպոլիտին, սա ընկավ նրա ձեռներին, կարծես անզգա, գուցե իրոք երևակայելով, թե ինքն արգեն սպանված է։ Ատրճանակն արդեն Կելլերի ձեռքին էր։ Իպոլիտին բռնեցին, տակը աթոռ դրին, նստեցրին նրան, և բոլորը խմբվեցին շուրջը, բոլորը բղավում էին, բոլորը հարցնում։ Բոլորը լսել էին հրահանի ճրթոցը և տեսնում էին մարդուն ողջ, նույնիսկ առանց չանգռվածքի։ Իպոլիտն ինքը նստել էր առանց հասկանալու, թե ինչ է կատարվում, և շուրջը բոլորին նայում էր անիմաստ հայացքով։ Լեբեդևն ու Կոլյան ներս վազեցին այդ ակնթարթին։
 +
 +
— Չբացվե՞ց,— հարցնում էին իրար։
 +
 +
— Գուցե չի՞ էլ լցրած,— գլխի էին ընկնում ուրիշները։
 +
 +
— Լցրա՜ծ է,— հայտարարեց Կելլերը, զննելով ատրճանակը,— բայց...
 +
 +
— Մի՞թե չբացվեց։
 +
 +
— Հրապատիճ բոլորովին չի եղել,— ազդարարեց Կելլերը։
 +
 +
Նույնիսկ դժվար է պատմել հաջորդած խղճուկ պատկերը։ Նախնական և ընդհանուր վախը արագ սկսեց փոխվել ծիծաղի. մի քանիսը նույնիսկ քրքջացին, դրանում գտնում էին չարախինդ հաճույք։ Իպոլիտը հոնգուր-հոնգուր լալիս էր հիստերիկայի մեջ ընկած, ձեռներն էր կոտրատում, նետվում էր դեպի ամենքը, նույնիսկ դեպի Ֆերդիշչենկոն, բռնեց նրան երկու ձեռքով և երդվում էր նրան, որ ինքը մոռացել է հրապատիճ դնելը, «մոռացել է բոլորովին պատահմամբ, այլ ոչ թե դիտմամբ», որ «այդ հրապատիճները բոլորը այստեղ են, իր ժիլետի գրպանում, մի տասը հատ» (նա ցույց էր տալիս շուրջը բոլորին), որ նա առաջուց չէր դրել, վախենալով գրպանում պատահաբար բացվելուց, թե հույս ուներ, որ միշտ կհասցնի դնել, երբ պետք լինի և հանկարծ մոռացավ։ Նա նետվում էր դեպի իշխանը, դեպի Եվգենի Պավլովիչը, աղաչում էր Կելլերին, որ ետ տան ատրճանակը, որ նա հիմա բոլորին կապացուցի, որ «իր պատիվը, պատիվը...», որ հիմա ինքը «պատվազրկված է առհավե՜տ...»։
 +
 +
Վերջապես նա իրոք ընկավ ուշագնաց։ Նրան տարան իշխանի առանձնասենյակը, և բոլորովին զգաստացած Լեբեդևը անմիջապես ուղարկեց բժշկի հետևից, իսկ ինքը աղջկա, տղայի, Բուրդովսկու և գեներալի հետ մնաց հիվանդի անկողնու մոտ։ Երբ անզգա Իպոլիտին դուրս տարան, Կելլերը կանգնեց սենյակի մեջտեղը և հայտարարեց ի լուր ամենքի, զատելով ու շեշտելով ամեն մի բառը, կատարյալ ոգեշնչմամբ.
 +
 +
— Պարոնայք, եթե ձեզնից որևէ մեկը մի անգամ էլ բարձրաձայն իմ ներկայությամբ կասկած հայտնի, որ նրա պատիճը մոռացված էր դիտմամբ, և պնդի, որ դժբախտ երիտասարդը միայն կատակերգություն էր խաղում, ապա այդպիսին գործ կունենա ինձ հետ։
 +
 +
Բայց նրան չէին պատասխանում։ Վերջապես հյուրերը ցրվեցին խմբովին ու շտապելով։ Պտիցինը, Գանյան և Ռոգոժինը գնացին միասին։
 +
 +
Իշխանը շատ զարմացած էր, որ Եվգենի Պավլովիչը փոխել է իր մտադրությունը և գնում է առանց բացատրվելու։
 +
 +
— Չէ՞ որ դուք ուզում էիք ինձ հետ խոսել, երբ բոլորը ցրվեին,— հարցրեց նա։
 +
 +
— Ճիշտ այդպես,— ասաց Եվգենի Պավլովիչը, հանկարծ նստելով աթոռին և իշխանին նստեցնելով իր կողքին, բայց հիմա ես առժամանակ փոխեցի մտադրությունս։ Խոստովանում եմ ձեզ, որ ես մի քիչ շփոթված եմ, ասենք, դուք նույնպես։ Իմ մտքերը խառնվեցին, բացի այդ, այն, ինչի մասին ուզում եմ բացատրվել ձեզ հետ, ինձ համար չափազանց կարևոր բան է, ասենք, ձեզ համար նույնպես։ Գիտե՞ք ինչ, իշխան, կյանքումս գեթ մի անգամ ուզում եմ բոլորովին ազնիվ գործ անել, այսինքն՝ բոլորովին առանց հետին մտքի, իսկ ես կարծում եմ, որ հիմա, այս րոպեիս, այնքան էլ ընդունակ չեմ միանգամայն ազնիվ գործի, ասենք, թերևս դուք նույնպես... ապա... և... դե, մենք հետո կբացատրվենք։ Գուցե, գործն էլ կշահի պարզության տեսակետից, թե ինձ, թե ձեզ համար, եթե սպասենք այն երեք օրը, որ հիմա կլինեմ Պետերբուրգում։
 +
 +
Այստեղ նա դարձյալ վեր կացավ աթոռից, այնպես որ նույնիսկ տարօրինակ էր, թե էլ ինչու նստեց։ Իշխանին թվաց նաև, որ Եվգենի Պավլովիչը դժգոհ ու գրգռված է և նայում է թշնամաբար, որ նրա հայացքը բոլորովին այն չէ, ինչ քիչ առաջ։
 +
 +
— Ի դեպ, դուք հիմա տառապյալի մո՞տ եք գնում։
 +
 +
— Այո... ես վախենում եմ,— ասաց իշխանը։
 +
 +
— Մի վախեցեք, հավանաբար կապրի մի վեց շաբաթ և նույնիսկ, կարող է պատահել, այստեղ դեռ կկազդուրվի էլ։ Իսկ ամենից լավն է, վռնդեցեք նրան վաղը։
 +
 +
— Գուցե ճի՞շտ որ ես նրան մղեցի այդ քայլին նրանով, որ... ոչինչ չէի ասում, գուցե նա մտածեց, թե ե՞ս էլ կասկածում եմ, որ ինքնասպանություն չի գործի։ Ի՞նչ եք կարծում, Եվգենի Պավլովիչ։
 +
 +
— Չէ֊չէ՜։ Դուք չափազանց բարի եք, որ դեռ հոգում եք։ Ես լսել եմ այդ մասին, բայց երբեք կյանքում չեմ տեսել, թե մարդ ինչպես դիտմամբ ինքնասպանություն է գործում, որ իրեն գովեն, կամ չարությունից, որ իրեն չեն գովում դրա համար։ Գլխավորը, վատուժության այդ անկեղծությանը չէի հավատա։ Իսկ դուք համենայն դեպս նրան վռնդեցեք վաղը։
 +
 +
— Դուք կարծում եք նա մի անգա՞մ էլ ինքնասպանություն կգործի։
 +
 +
— Ոչ, հիմա արդեն չի գործի։ Բայց զգուշացեք մեր այդ տնաբույծ Լասեներներից։ Կրկնում եմ ձեզ, հանցագործությունը չափազանց սովորական ապաստանն է այդ ապաշնորհ, անհամբեր ու ագահ ոչնչության։
 +
 +
— Մի՞թե սա Լասեներ է։
 +
 +
— Էությունը նույնն է, թեև կարող է պատահել, որ տարբեր ամպլուաներ են։ Կտեսնեք, թե այդ պարոնը ընդունակ չէ սպանել տասը հոգի, իսկն ասած միմիայն «կատակի» համար, ճիշտ և ճիշտ ինչպես ինքը քիչ առաջ կարդաց մեզ բացատրության մեջ։ Հիմա նրա այդ խոսքերը չեն թողնի, որ քնեմ։
 +
 +
— Դուք գուցե չափից ավելի եք անհանգստանում։
 +
 +
— Դուք զարմանալի եք, իշխան, չե՞ք հավատում, որ նա ''հիմա'' ընդունակ է սպանելու տասը հոգի։
 +
 +
— Ես վախենում եմ ձեզ պատասխանել, այդ բոլորը շատ տարօրինակ է, բայց...
 +
 +
— Դե, ինչպես կուզեք, ինչպես կուզեք,— գրգռված ավարտեց Եվգենի Պավլովիչը,— ըստ որում դուք այնպես խիզախ մարդ եք. միայն թե ինքներդ չընկնեք այդ տասի մեջ։
 +
 +
— Ամենից հավանական է, որ նա ոչ ոքի չի սպանի,— ասաց իշխանը մտախոհ նայելով Եվգենի Պավլովիչին։
 +
 +
Սա չար ծիծաղեց։
 +
 +
— Ցտեսություն, ժամանա՜կն է։ Իսկ դուք նկատեցի՞ք, որ նա իր «Խոստովանության» պատճենը կտակել է Ագլայա Իվանովնային։
 +
 +
— Այո, նկատեցի և... մտածում եմ այդ մասին։
 +
 +
— Դե, տեսեք հա՜, տասը հոգու դեպքում,— նորից ծիծաղեց Եվգենի Պավլովիչը և դուրս եկավ։
 +
 +
Մի ժամ անց, արդեն չորսին մոտ, իշխանը իջավ այգի։ Նա փորձեց քնել տանը, բայց չէր կարող, սրտի ուժգին բաբախումից։ Տանը, սակայն, ամեն ինչ կարգավորված էր և ըստ հնարավորին հանդարտեցված. հիվանդը քնել էր, և ժամանած բժիշկը հայտարարեց, որ ոչ մի առանձին վտանգ չկա։ Լեբեդևը, Կոլյան, Բուրդովսկին քնեցին հիվանդի սենյակում, որպեսզի հերթապահություն անեին, նշանակում է, երկյուղելու բան չկար։
 +
 +
Բայց իշխանի անհանգստությունը րոպե առ րոպե աճում էր։ Նա թափառում էր այգում, մտացրիվ նայելով շուրջը, և զարմանքով կանգ առավ, երբ հասավ կայարանի առջևի հրապարակին և տեսավ դատարկ նստարանների ու գրակալների շարքը նվագախմբի համար։ Նրան ապշեցրեց այդ տեղը և չգիտես ինչու թվաց սարսափելի այլանդակ։ Նա ետ դարձավ և ուղիղ այն ճանապարհով, որով երեկ Եպանչինների հետ կայարան էր գնացել, հասավ մինչև կանաչ նստարանը, որտեղ նրան տեսակցություն էր նշանակված, նստեց նստարանին և հանկարծ բարձրաձայն ծիծաղեց, որից անմիջապես սաստիկ զայրացավ։ Նրա թախիծը շարունակվում էր, նա ուզում էր որևէ տեղ գնալ... չգիտեր, թե ուր։ Նրա գլխավերևում ծառի վրա երգում էր մի թռչնակ, և իշխանն սկսեց աչքերով որոնել նրան տերևների մեջ. հանկարծ թռչնակը թռավ ծառից, և նույն րոպեին չգիտես ինչու իշխանի միտն եկավ այն «մժղուկը» «արևի տաք ճառագայթների մեջ», որի մասին գրում էր Իպոլիտը, թե «նա էլ գիտի իր տեղը և մասնակից է ընդհանուր խմբերգին, իսկ մենակ ինքն է վիժվածք»։ Այս նախադասությունը նրան զարմացրել էր դեռ այն ժամանակ, նա հիմա հիշեց այդ։ Մի վաղուց մոռացված հիշողություն խլրտաց նրա մեջ և հանկարծ միանգամից պարզվեց։
 +
 +
Դա Շվեյցարիայում էր, նրա բուժման առաջին տարին, նույնիսկ առաջին ամիսները։ Այն ժամանակ նա դեռ բոլորովին ապուշի պես էր, նույնիսկ լավ խոսել չէր կարողանում, երբեմն չէր կարողանում հասկանալ, թե ինչ են պահանջում իրենից։ Նա մի անգամ գնաց լեռները, մի պայծառ, արևոտ օր, և երկար շրջում էր գլխում մի տանջալից միտք, որը, սակայն, ոչ մի կերպ չէր մարմնավորվում։ Նրա առաջ փայլուն երկինքն էր, ցածում լիճը, շուրջը լուսավոր ու անծայրածիր հորիզոնը, որը վերջ ու վախճան չունի։ Նա երկար նայում ու տանջվում էր։ Նա հիմա հիշեց, թե ինչպես ինքը տարածել էր ձեռքերը դեպի այդ լուսավոր, անծայրածիր կապույտը և լալիս էր։ Նրան տանջում էր այն, որ ինքը այդ ամենին բոլորովին օտար է։ Այդ ի՞նչ խնջույք է, այդ ի՞նչ մշտական մեծ տոն է, որ վերջ չունի և դեպի որը վաղուց, միշտ, բուն մանկությունից ձգտում է նա և որին ոչ մի կերպ չի կարողանում միանալ։ Ամեն առավոտ ծագում է նույնպիսի պայծառ արև, ամեն առավոտ ջրվեժի վրա ծիածան է կապում, ամեն իրիկուն ձյունածածկ, ամենաբարձր սարը, այնտեղ, հեռվում։ երկնքի ծայրում վառվում է ծիածանի բոցով, ամեն մի «փոքրիկ մժղուկ, որը տզտզում է նրա մոտ արևի տաք ճառագայթի մեջ, այդ ամբողջ խմբերգին մասնակից է, իր տեղը գիտի, սիրում է այն ու երջանիկ է», ամեն մի ծիլ աճում է ու երջանի՜կ է։ Եվ ամեն ինչ իր ճանապարհն ունի, և ամեն ինչ գիտի իր ճանապարհը, երգով է հեռանում և երգով է աշխարհ գալիս. միայն ինքը ոչինչ չգիտի, ոչինչ չի հասկանում, ոչ մարդկանց, ոչ հնչյունները, ամեն ինչին օտար է ու վիժվածք։ Օ, իհարկե, նա այն ժամանակ չէր կարող խոսել այս բառերով և արտահայտել իր հարցը, նա տանջվում էր խուլ ու համր, բայց հիմա նրան թվում էր, որ նա այս ամենն ասում էր և այն ժամանակ, հենց բոլոր այս խոսքերը, և որ այդ «մժղուկի» մասին էլ Իպոլիտը հենց նրանից է վերցրել, նրա այն ժամանակվա խոսքերից ու արցունքներից։ Նա դրանում համոզված էր, և չգիտես ինչու նրա սիրտը բաբախում էր այդ մտքից...
 +
 +
Նա նիրհեց նստարանին նստած, բայց նրա տագնապը շարունակվում էր նաև քնի մեջ։ Քնից անմիջապես առաջ նա հիշեց, որ Իպոլիտը տասը հոգի կսպանի և քմծիծաղ տվեց այդ ենթադրության անհեթեթության վրա։ Նրա շուրջը տիրում էր սքանչելի, պայծառ լռություն, լոկ տերևներն էին սոսափում, որից, կարծես, շուրջը դառնում էր ավելի լռիկ ու մեկուսի։ Նա շատ երազներ տեսավ, բոլորը տագնապալի, որոնցից նա րոպեն մեկ ցնցվում էր։ Վերջապես նրա մոտ մի կին եկավ, նա ճանաչում էր այդ կնոջը, ճանաչում տանջալիորեն, նա միշտ կարող էր նրա անունը տալ ու նշել, բայց տարօրինակ բան, հիմա կարծես նրա դեմքը բոլորովին այն չէր, ինչպես նա գիտեր միշտ, և նա տանջալիորեն չէր ուզում սրան այն կնոջ տեղը դնել։ Այդ դեմքին այնքան զղջում ու սարսափ կար, որ թվում էր, նա սարսափելի ոճրագործուհի էր և հենց նոր մի սարսափելի ոճիր էր գործել։ Արցունքը դողում էր նրա դալուկ այտին, նա ձեռքով կանչեց իշխանին և մատը դրեց շրթունքներին, կարծես զգուշացնելով, որ նա լուռ հետևի իրեն։ Իշխանի սիրտը նվաղեց, նա ոչ մի, ոչ մի գնով չէր ուզում նրան ոճրագործի տեղ դնել, բայց զգում էր, որ հենց հիմա տեղի կունենա մի սարսափելի բան, որը կմնա իր ամբողջ կյանքում։ Այդ կինը, կարծես, նրան ուզում էր մի բան ցույց տալ մոտիկում, հենց այդտեղ՝ այգում։ Իշխանը վեր կացավ, որպեսզի հետևեր նրան, և հանկարծ նրա կողքին հնչեց մեկի պայծառ, թարմ ծիծաղը, մեկի ձեռքը հանկարծ հայտնվեց նրա ձեռքում, նա բռնեց այդ ձեռքը, ամուր սեղմեց ու արթնացավ։ Նրա առաջ կանգնել ու բարձրաձայն ծիծաղում էր Ագլայան։
 +
 +
=== VIII ===
 +
 +
Նա ծիծաղումէ բայց և զայրանում էր։
 +
 +
— Քնե՜լ է։ Դուք քնե՞լ էիք,— բացականչեց նա արհամարհական զարմանքով։
 +
 +
— Այդ դո՜ւք եք,— մրթմրթաց իշխանը, դեռ լիովին ուշքի չեկած և զարմացած ճանաչելով նրանախ, հա՞։ Այդ տեսակցությունը... Ես այստեղ քնել էի։
 +
 +
— Տեսա։
 +
 +
— Ինձ ո՞չ ոք չի արթնացրել, բացի ձեզանից։ Բացի ձեզանից այստեղ ո՞չ ոք չի եղել։ Ես կարծում էի, այստեղ եղել է... մի ուրիշ կին...
 +
 +
— Այստեղ եղել է մի ուրիշ կին...
 +
 +
Վերջապես նա բոլորովին սթափվեց։
 +
 +
— Դա լոկ երազ էր,— մտախոհ ասաց նա,— տարօրինակ է, որ մի այսպիսի րոպե այսպիսի երազ... նստեցեք։
 +
 +
Նա բռնեց Ագլայայի ձեռքից ու նստեցրեց նստարանին. ինքը նստեց նրա կողքին ու մտածմունքի մեջ ընկավ։ Ագլայան խոսակցություն չէր սկսում, այլ միայն ուշադիր զննում էր իր զրուցակցին։ Սա էլ նայում էր Ագլայային, բայց երբեմն այնպես, կարծես թե բոլորովին չտեսնելով նրան իր առջև։ Ագլայան սկսեց շիկնել։
 +
 +
— Ախ, հա,— ցնցվեց իշխանը,— Իպոլիտը ինքնասպանություն գործեց։
 +
 +
— Ե՞րբ։ Ձեր տա՞նը,— հարցրեց Ագլայան, բայց առանց մեծ զարմանքի։— Չէ՞ որ կարծեմ երեկ երեկոյան նա դեռ ողջ էր։ Հապա ինչպե՞ս կարող էիք այստեղ քնել այդ բոլորից հետո,— ճչաց նա, հանկարծ աշխուժանալով։
 +
 +
— Ախր նա չմեռավ, ատրճանակը չկրակեց։
 +
 +
Ագլայայի պնդմամբ իշխանը պետք է իսկույն և նույնիսկ մեծ մանրամասնությամբ պատմեր անցած գիշերվա ամբողջ պատմությունը։ Նա րոպեն մեկ շտապեցնում էր նրա պատմությունը, բայց հենց ինքն էլ ընդհատում էր անընդհատ և միշտ կողմնակի հարցերով։ Ի միջի այլոց, նա մեծ հետաքրքրությամբ լսեց այն, թե ինչ էր ասել Եվգենի Պավլովիչը, և նույնիսկ մի քանի անգամ կրկին հարցրեց։
 +
 +
— Դե բավական է, պետք է շաապել,— եզրափակեց նա, ամեն ինչ լսելուց հետո,— ընդամենը մի ժամ ենք լինելու այստեղ, մինչև ժամը ութը, որովհետև ժամը ութին անպայման պետք է տանը լինեմ, որպեսզի չիմանան, թե այստեղ նստած եմ եղել, իսկ ես գործով եմ եկել, ես պետք է շատ բաներ հայտնեմ ձեզ։ Միայն դուք հիմա ինձ բոլորովին շեղեցիք։ Իպոլիտի մասին ես կարծում եմ, որ նրա ատրճանակը այդպես էլ չպետք է կրակեր, դա նրան ավելի է սազում։ Բայց դուք համողվա՞ծ եք, որ նա անպայման ուզում էր ինքնասպան լինել և այստեղ խաբեություն չկար։
 +
 +
— Ո՜չ մի խաբեություն։
 +
 +
— Եվ դա ավելի հավանական է։ Նա այդպես էլ գրե՞լ էր, որ ինձ բերեիք նրա «Խոստովանությունը»։ Հապա ինչո՞ւ չբերեցիք։
 +
 +
— Բայց չէ՞ որ նա չմեռավ։ Ես նրան կհարցնեմ։
 +
 +
— Անպայման բերեք, և կարիք չկա հարցնելու։ Հավանաբար դա նրա համար շատ հաճելի կլինի, որովհետև գուցե նա հենց այն նպատակով էր ինքնասպանություն գործում, որ հետո ես խոստովանությունը կարդայի։ Խնդրում եմ, մի ծիծաղեք իմ խոսքերի վրա, Լև Նիկոլաևիչ, որովհետև դա շատ կարող է այդպես լինել։
 +
 +
— Ես չեմ ծիծաղում, որովհետև ինքս էլ համոզված եմ, որ դա մասամբ շատ կարող է այդպես լինել։
 +
 +
— Համոզվա՞ծ եք։ Մի՞թե դուք էլ եք այդպես կարծում,— հանկարծ սաստիկ զարմացավ Ագլայան։
 +
 +
Նա հարցնում էր հապճեպ, խոսում էր արագ, բայց կարծես երբեմն շփոթվում էր և հաճախ կիսատ էր թողնում, րոպեն մեկ շտապում էր ինչ֊որ բանի մասին նախազգուշացնել, առհասարակ նա արտասովոր տագնապի մեջ էր ու չնայած նայում էր շատ խիզախ ու ինչ֊որ մարտահրավերով, բայց, գուցե, մի քիչ էլ վախենում էր։ Նրա հագին ամենասովորական, հասարակ զգեստ էր, որը նրան շատ էր սազում։ Նա հաճախ ցնցվում էր, շիկնում և նստել էր նստարանի ծայրին։ Իշխանի հաստատումը, թե Իպոլիտը ինքնասպանություն էր գործում, որ Ագլայան կարդա նրա «Խոստովանությունը», շատ զարմացրեց նրան։
 +
 +
— Իհարկե,— բացատրեց իշխանը,— նա ուզում էր, որ բացի ձեզանից, մենք բոլորս էլ գովեինք նրան։
 +
 +
— Այդ ինչպե՞ս գովեիք։
 +
 +
— Այսինքն, դա... ինչպե՞ս ասեմ ձեզ։ Դա շատ դժվար է ասել։ Միայն, հավանաբար, նա ուզում էր, որ բոլորը շրշապատեին նրան և ասեին, որ նրան շատ են սիրում ու հարգում և բոլորը շատ խնդրեին, որ նա ողջ մնա։ Շատ կարող է պատահել, որ ամենից ավելի նա ձեզ նկատի ուներ, որովհետև մի այդպիսի րոպեի ձեզ էր հիշատակել... թեև, գուցե, ինքն էլ չգիտեր, որ ձեզ նկատի ունի։
 +
 +
— Այդ արդեն ես բոլորովին չեմ հասկանում, նկատի ուներ և չգիտեր, որ նկատի ուներ։ Եվ սակայն, կարծես թե, ես հասկանում եմ. գիտե՞ք որ ես ինքս մի երեսուն անգամ, երբ դեռ նույնիսկ տասներեք տարեկան աղջիկ էի, մտածել եմ թունավորվել, և այդ բոլորը նամակով գրել ծնողներիս, և նույնպես մտածում էի, թե ինչպես պառկած կլինեմ դագաղում, և ինչպես բոլորը լաց կլինեն վրաս, իսկ իրենց կմեղադրեն, որ այդպես դաժան են եղել ինձ հետ... ինչո՞ւ եք ժպտում նորից,— արագ ավելացրեց նա, հոնքերը կիտելով,— իսկ դուք ինքնե՞րդ էլի ինչի մասին եք մտածում, երբ միայնակ երազում եք։ Գուցե ձեզ ֆելդմարշալ եք երևակայում, և որ ջախջախել եք նապոլեոնին։
 +
 +
— Դե, ահա, ազնիվ խոսք, ես այդ մասին եմ մտածում, հատկապես երբ քնում եմ,— ծիծաղեց իշխանը,— միայն ես ոչ թե Նապոլեոնին, այլ ավստրիացիներին եմ ջախջախում։
 +
 +
— Ես բոլորովին չեմ ուզում ձեզ հետ կատակել, Լև Նիկոլաևիչ։ Իպոլիտի հետ ես ինքս կտեսնվեմ, խնդրում եմ, նախազգուշացնեք նրան։ Իսկ ձեր կողմից, գտնում եմ, որ այդ ամենը շատ վատ է, որովհետև շատ կոպիտ բան է այդպես նայել և դատել մարդու հոգին, ինչպես դուք եք դատում Իպոլիտին։ Դուք քնքշություն չունեք. միայն ճշմարտություն, նշանակում է անարդարացի է։
 +
 +
Իշխանը մտածմունքի մեջ ընկավ։
 +
 +
— Ինձ թվում է, դուք իմ նկատմամբ անարդարացի եք,— ասաց նա,— չէ՞ որ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում նրանում, որ նա այդպես էր մտածում, որովհետև բոլորը հակված են այդպես մտածել, ըստ որում, կարող է պատահել, նա բոլորովին չէր էլ մտածում, այլ միայն ուզում էր այդ... նա ուզում էր վերջին անգամ մարդկանց հանդիպել, նրանց հարգանքին ու սիրուն արժանանալ. չէ՞ որ դրանք շատ լավ զգացմունքներ են, միայն, այստեղ ամեն ինչ մի տեսակ այնպես չստացվեց, այստեղ խոսում է հիվանդությունը և էլի ինչ֊որ բան։ Ըստ որում ոմանց մոտ միշտ ամեն ինչ լավ է ստացվում, իսկ ուրիշների մոտ ոչ մի բանի նման չի...
 +
 +
— Դա հավանաբար դուք ձե՞ր մասին ավելացրիք,— նկատեց Ագլայան։
 +
 +
— Այո, իմ մասին,— պատասխանեց իշխանը,— ոչ մի չարախնդություն չնկատելով հարցի մեջ։
 +
 +
— Միայն, այսուամենայնիվ, ես ձեր տեղը լինեի, ոչ մի դեպքում չէի քնի. նշանակում է, դուք որտեղ էլ տեղավորվեք, հենց անմիջապես քնում եք. դա շատ վատ է ձեր կողմից։
 +
 +
— Բայց չէ՞ որ ես ամբողջ գիշերը չեմ քնել, և հետո քայլել եմ, քայլել, եղել եմ նվագի տեղում...
 +
 +
— Ի՞նչ նվագի։
 +
 +
— Այնտեղ, որտեղ երեկ նվագում էին, իսկ հետո եկա այստեղ, նստեցի, մտածում էի, մտածում և քնեցի։
 +
 +
— Հա՜, ուրեմն ահա թե ինչպես։ Դա բանը փոխում է հօգուտ ձեզ... Իսկ ինչո՞ւ գնացիք նվագի տեղը։
 +
 +
— Չգիտեմ, այնպես...
 +
 +
— Լավ, լավ, հետո, դուք շարունակ խոսքս կտրում եք, և իմ ի՞նչ գործն է, որ դուք գնացել էիք նվագի տեղը։ Այդ ի՞նչ կնոջ մասին էիք երազ տեսնում։
 +
 +
— Դա... այն... դուք չեք տեսել...
 +
 +
— Հասկանում եմ, շատ լավ եմ հասկանում։ Դուք նրան շա՞տ եք... Նա ինչպե՞ս եկավ ձեր երազը, ի՞նչ տեսքով։ Ասենք, ես ոչինչ էլ չեմ ուզում իմանալ,— խոսքը կտրեց նա հանկարծ զայրույթով։— Մի ընդհատեք ինձ...
 +
 +
Նա մի փոքր դադար առավ, կարծես թե ուժը հավաքելով կամ աշխատելով զայրույթը ցրել։
 +
 +
— Ահա թե որն է ամբողջ բանը, ինչի համար եմ ձեզ կանչել. ես ուզում եմ առաջարկել, որ իմ բարեկամը լինեք։ Ինչո՞ւ հանկարծ այդպես աչքերդ վրաս հառեցիք,— ավելացրեց նա գրեթե ցասումով։
 +
 +
Իշխանն, իրոք, այդ րոպեին շատ ուշադիր նայում էր նրան, նկատելով, որ նա նորից սկսեց սաստիկ շիկնել։ Այդպիսի դեպքերում որքան ավելի էր նա շիկնում, թվում է, այնքան ավելի էր զայրանում իր վրա դրա համար, որը ակներևորեն արտահայտվում էր նրա փայլատակող աչքերում, սովորաբար մի րոպե անց նա արդեն փոխադրում էր իր ցասումը նրա վրա, ում հետ խոսում էր, նա մեղավոր լիներ, թե ոչ, և սկսում էր նրա հետ կռվել։ Գիտենալով ու զգալով իր վայրենությունն ու ամաչկոտությունը, նա սովորաբար քիչ էր խոսակցության բռնվում և մյուս քույրերից ավելի լռակյաց էր, երբեմն նույնիսկ շատ լռակյաց։ Իսկ երբ, հատկապես այդպիսի փափուկ դեպքերում, անպայման պետք էր լինում խոսել, ապա, անպայման խոսակցությունն սկսում էր արտասովոր մեծամտությամբ և կարծես թե ինչ֊որ մարտահրավերով։ Նա միշտ առաջուց նախազգում էր, երբ սկսում էր կամ ուզում էր սկսել կարմրել։
 +
 +
— Դուք գուցե չե՞ք ուզում ընդունել առաջարկս,— մեծամտորեն նայեց նա իշխանին։
 +
 +
— Օ, ոչ, ուզում եմ, բայց դա բոլորովին հարկավոր չէ... այսինքն՝ ես բոլորովին չէի կարծում, թե հարկավոր է այդպիսի առաջարկություն անել,— շփոթվեց իշխանը։
 +
 +
— Իսկ ի՞նչ էիք կարծում դուք։ Ինչի՞ համար պիտի ձեզ այստեղ կանչեի։ Ի՞նչ կա ձեր մտքում։ Ասենք, գուցե դուք ինձ համարում եք փոքրիկ հիմար աղջի՞կ, ինչպես բոլորը համարում են ինձ տանը։
 +
 +
— Ես չգիտեի, որ ձեզ հիմար են համարում, ես... ես չեմ համարում։
 +
 +
— Չե՞ք համարում։ Շատ խելացի է ձեր կողմից։ Հատկապես խելացի է արտահայտված։
 +
 +
— Իմ կարծիքով, դուք նույնիսկ, կարող է պատահել, և շատ խելոք եք երբեմն,— շարունակում էր իշխանը,— դուք քիչ առաջ հանկարծ մի շատ խելացի խոսք ասացիք։ Դուք ասացիք Իպոլիտի մասին ունեցած իմ կասկածի մասին. «Այստեղ լոկ ճշմարտություն է, ուրեմն և նշանակում է անարդարացի է»։ Այդ ես միտքս կպահեմ ու կխորհեմ։
 +
 +
Ագլայան հանկարծ բռնկվեց բավականությունից։ Այդ բոլոր փոփոխությունները նրա մեջ կատարվում էին արտակարգ անկեղծորեն ու արտասովոր արագությամբ։ Իշխանը նույնպես ուրախացավ և նույնիսկ ծիծաղեց ուրախությունից, նրան նայելով։
 +
 +
— Լսեցեք ուրեմն,— նորից սկսեց Ագլայան,— ես երկար էի սպասում ձեզ, որպեսզի այս բոլորը պատմեի ձեզ, սպասում էի սկսած այն պահից, երբ ինձ գրել էիք այնտեղից այն նամակը, և նույնիսկ ավելի առաջ... Կեսը երեկ դուք արդեն իմացաք ինձնից. ես ձեզ համարում եմ ամենաազնիվ ու ամենաշիտակ մարդը, բոլորից ավելի ազնիվ ու շիտակ, և եթե ձեր մասին ասում են, թե ձեր խելքը... այսինքն որ ձեր խելքը երբեմն հիվանդ է լինում, ապա դա անարդարացի է. ես այդպես որոշեցի և վիճում էի, որովհետև թեկուզ ձեր խելքը իրոք հիվանդ է (դուք, իհարկե, սրա վրա չեք բարկանա, ես բարձրագույն տեսակետից եմ ասում), բայց դրա փոխարեն ձեր գլխավոր խելքը ավելի լավ է, քան նրանց բոլորինը, նույնիսկ այնպիսին է, ինչպիսին նրանք չեն էլ երազում, որովհետև կա երկու խելք, գլխավոր և ոչ գլխավոր։ Այդպե՞ս է։ Չէ՞ որ այդպես է։
 +
 +
— Գուցե և այդպես է,— հազիվ արտասանեց իշխանը. նրա սիրտը սաստիկ դողում ու տրոփում էր։
 +
 +
— Ես այդպես էլ գիտեի, որ դուք կհասկանաք,— ծանրակշիռ շարունակեց Ագլայան։— Իշխան Շչ-ն ու Եվգենի Պավլովիչը ոչինչ չեն հասկանում այդ երկու խելքից, Ալեքսանդրան՝ նույնպես, բայց պատկերացրեք maman-ը հասկացավ։
 +
 +
— Դուք շատ նման եք Լիզավետա Պրոկոֆևնային։
 +
 +
— Այդ ինչպե՞ս։ Մի՞թե,— զարմացավ Ագլայան։
 +
 +
— Աստված վկա, այդպես է։
 +
 +
— Ես շնորհակալ եմ ձեզնից,— ասաց Ագլայան, փոքրինչ մտածելով,— ես շատ ուրախ եմ, որ նման եմ maman-ին։ Դուք, նշանակում է, նրան շա՞տ եք հարգում,— ավելացրեց նա, բոլորովին չնկատելով իր հարցի միամտությունը։
 +
 +
— Շա՛տ, շա՛տ, և ուրախ եմ, որ դա այդպես ուղղակի հասկացաք։
 +
 +
— Ես էլ ուրախ եմ, որովհետև նկատել եմ, թե ինչպես նրա վրա երբեմն... ծիծաղում են։ Բայց լսեցեք գլխավորը, ես երկար մտածում էի և վերջապես ձեզ ընտրեցի. ես չեմ ուզում, որ տանը ինձ վրա ծիծաղեն, ես չեմ ուզում, որ ինձ համարեն փոքրիկ հիմար աղջիկ, ես չեմ ուզում, որ ինձ ձեռք առնեն... Ես այդ բոլորը միանգամից հասկացա և կտրականապես մերժեցի Եվգենի Պավլովիչին, որովհետև չեմ ուզում, որ անընդհատ ինձ մարդու տան։ Ես ուզում եմ... ես ուզում եմ... Դե, ես ուզում եմ փախչել տնից, իսկ ձեզ ընտրեցի, որպեսզի ինձ օժանդակեք։
 +
 +
— Փախչե՜լ տնից,— գոչեց իշխանը։
 +
 +
— Այո, այո, այո, փախչե՜լ տնից,— հանկարծ ճչաց Ագլայան, արտասովոր զայրույթով բռնկված,— ես չեմ ուզում, չեմ ուզում, որ այնտեղ շարունակ ինձ հարկադրեն կարմրել։ Ես չեմ ուզում կարմրել ոչ նրանց առաջ, ոչ իշխան Շչ-ի առաջ, ոչ Եվգենի Պավլովիչի առաջ, և ոչ մեկի առաջ, դրա համար էլ ձեզ ընտրեցի։ Ձեզ հետ ուզում եմ ամեն, ամեն ինչի մասին խոսել, նույնիսկ ամենագլխավորի մասին, երբ ուզենամ. ձեր կողմից դուք էլ ոչինչ չպետք է թաքցնեք ինձնից։ Ես ուզում եմ գեթ մի մարդու հետ խոսել այնպես, ինչպես ինքս ինձ հետ. նրանք հանկարծ սկսեցին ասել, որ ես ձեզ սպասում եմ և որ ես ձեզ սիրում եմ։ Դա դեռ մինչև ձեր գալն էր, իսկ ես նամակը նրանց ցույց չէի տվել, իսկ հիմա արդեն բոլորն են ասում։ Ես ուզում եմ համարձակ լինել և ոչնչից չվախենալ։ Ես չեմ ուզում հաճախել նրանց պարահանդեսները, ես ուզում եմ օգուտ բերել։ Ես արդեն վաղուց ուզում էի հեռանալ։ Ես քսան տարի է, ինչ նրանց մոտ խցանով փակված եմ, և շարունակ ինձ մարդու են տալիս։ Ես դեռ տասնչորս տարեկան հասակում մտածում էի փախչել, թեպետ և հիմար էի։ Հիմա արդեն ամեն ինչ հաշվի եմ առել և ձեզ էի սպասում, որ ամեն ինչ հարցուփորձեմ արտասահմանի մասին։ Ես ոչ մի գոթական տաճար չեմ տեսել, ուզում եմ Հռոմում լինել, ուզում եմ բոլոր գիտական կաբինետները դիտել, ես ուզում եմ Փարիզում սովորել, ես ամբողջ վերջին տարին պատրաստվում ու սովորում էի և շատ գրքեր կարդացի, ես բոլոր արգելված գրքերը կարդացի։ Ալեքսանդրան ու Ադելաիդան բոլոր գրքերը կարդում են, նրանց կարելի է, իսկ ինձ ամեն ինչ չեն տալիս, ինձ վրա հսկողություն կա։ Ես քույրերիս հետ չեմ ուզում գժտվել, բայց մորս ու հորս վաղուց արդեն հայտարարել եմ, որ ուզում եմ բոլորովին փոխել իմ սոցիալական դրությունը։ Ես որոշել եմ զբաղվել դաստիարակությամբ, և հույսս ձեզ վրա էի դրել, որովհետև դուք ասում էիք, թե սիրում եք երեխաներին։ Մենք կարո՞ղ ենք միասին զբաղվել դաստիարակությամբ, եթե ոչ հիմա, ապա հետագայում։ Մենք միասին օգուտ կբերենք, ես չեմ ուզում գեներալի աղջիկ լինել... Ասացեք, դուք շա՞տ գիտուն մարդ եք։
 +
 +
— Օ, բոլորովին ոչ։
 +
 +
— Այդ ափսոս, իսկ ես կարծում էի... հապա ինչո՞ւ էի այդպես կարծում։ Դուք համենայն դեպս ինձ կղեկավարեք, որովհետև ես ձեզ եմ ընտրել։
 +
 +
— Դա անհեթեթ բան է, Ագլայա Իվանովնա։
 +
 +
— Ես ուզում եմ, ես ուզում եմ փախչել տնից,— գոչեց նա և նորից փայլատակեցին նրա աչքերը,— եթե դուք չհամաձայնեք, ես Գավրիլա Արդալիոնովիչին մարդու կգնամ։ Ես չեմ ուզում, որ տանը ինձ նողկալի կին համարեն և մեղադրեն աստված գիտի թե ինչում։
 +
 +
— Խելքներդ գլխի՞դ է,— քիչ մնաց տեղից վեր թռչեր իշխանը,— ինչո՞ւմ են ձեզ մեղադրում, ո՞վ է մեղադրում։
 +
 +
— Տանը, բոլորը, մայրս, քույրերս, հայրս, իշխան Շչ֊ն, նույնիսկ ձեր զզվելի Կոլյան։ Եթե ուղղակի չեն ասում, ապա այդպես մտածում են։ Ես նրանց բոլորի երեսին ասացի դա, և մորս, և հորս։ Maman֊ը ամբողջ օրը հիվանդ էր, իսկ հաջորդ օրը Ալեքսանդրան և հայրիկն ինձ ասացին, թե ես ինքս էլ չեմ հասկանում, թե ինչեր եմ դուրս տալիս և ինչ խոսքեր եմ ասում։ Իսկ ես այդտեղ ուղղակի նրանց խոսքը կտրեցի, որ ես արդեն ամեն ինչ հասկանում եմ, բոլոր բառերը, որ ես արդեն փոքրիկ չեմ, որ ես արդեն երկու տարի առաջ դիտմամբ կարդացել եմ Պոլ դը Կոկի երկու վեպը, որպեսզի ամեն ինչի մասին իմանամ։ Maman-ը երբ իմացավ, քիչ մնաց ուշաթափվեր։
 +
 +
Իշխանի գլխով հանկարծ մի տարօրինակ միտք անցավ։ Նա ուշադիր նայեց Ագլայայի ն և ժպտաց։
 +
 +
Նրա նույնիսկ հավատալը չէր գալիս, որ իր առջև նստած է այն նույն մեծամիտ աղջիկը, որը մի ժամանակ հպարտ ու ամբարտավան նրան կարդաց Գավրիլա Արդալիոնովիչի նամակը։ Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչպես այդպիսի գոռոզ, խստաբարո գեղեցկուհու մեջ կարող էր նստած լինել այդպիսի մանուկ, գուցե իրոք նույնիսկ ''հիմա էլ բոլոր բառերը'' չհասկացող մանուկ։
 +
 +
— Դուք միշտ տա՞նն եք ապրել, Ագլայա Իվանովնա,— հարցրեց նա,— ուզում եմ ասել ոչ մի տեղ, որևէ դպրոց չե՞ք գնացել, ինստիտուտում չե՞ք սովորել։
 +
 +
— Երբեք և ոչ մի տեղ չեմ գնացել, շարունակ տանն եմ նստել, ինչպես շշի մեջ խցանված, և շշի միջից ուղղակի մարդու կգնամ, ի՞նչ եք նորից քմծիծաղ տալիս։ Ես նկատում եմ, որ դուք էլ, կարծես, ինձ վրա ծիծաղում եք և նրանց կողմն եք բռնում,— ավելացրեց նա, սպառնագին խոժոռվելով,— ինձ մի բարկացրեք, առանց այն էլ չգիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ... Ես համոզված եմ, որ դուք այստեղ եք եկել լիովին հավատացած, որ ես սիրահարված եմ ձեզ և ձեզ տեսակցության եմ կանչել,— խոսքը կտրեց նա գրգռված։
 +
 +
— Ես իրոք երեկ վախենում էի դրանից,— պարզասրտորեն բերնից թռցրեց իշխանը (նա շատ շփոթվեց դրանից),— բայց այսօր համոզված եմ, որ դուք...
 +
 +
— Ինչպե՜ս,— գոչեց Ագլայան, և նրա ներքևի շրթունքը հանկարծ սկսեց դողալ,— դուք վախենում էիք, որ ես... դուք համարձակվում էիք մտածել, որ ես... Տե՜ր իմ։ Ով գիտե, դուք կասկածում էիք, որ ես ձեզ այստեղ եմ կանչել, որպեսզի ձեզ ծուղակը գցեմ և հետո որպեսզի մեզ այստեղ տեսնեն և ձեզ հարկադրեն ինձ հետ ամուսնանալ...
 +
 +
— Ագլա՜յա Իվանովնա, ինչպե՜ս չեք ամաչում։ Ինչպե՞ս կարող էր այդպիսի կեղտոտ միտք ծնվել ձեր մաքուր, անմեղ սրտում։ Գրազ կգամ, որ դուք ինքներդ չեք հավատում ձեր ոչ մի խոսքին և... ինքներդ, էլ չգիտեք, թե ինչ եք ասում։
 +
 +
Ագլայան նստել էր համառորեն գլուխը կախած, ասես ինքն էլ վախեցած իր ասածից։
 +
 +
— Ես բոլորովին չեմ ամաչում,— մրթմրթաց նա,— դուք որտեղի՞ց գիտեք, որ իմ սիրտն անմեղ է։ Ինչպե՞ս էիք համարձակվել այն ժամանակ ինձ սիրային նամակ ուղարկել։
 +
 +
— Սիրային նամա՞կ։ Իմ նամակը՝ սիրայի՜ն։ Դա ամենահարգալիր նամակն է, այդ նամակը իմ սրտից է բխել իմ կյանքի ամենածա՜նր րոպեին։ Ես այն ժամանակ մտաբերում էի ձեր մասին ինչպես մի ինչ֊որ լուսո մասին... ես....
 +
 +
— Դե լավ, լավ,— հանկարծ ընդհատեց նրան Ագլայան, բայց արդեն բոլորովին ոչ այն եղանակով, այլ կատարյալ զղջումով և համարյա վախեցած, նույնիսկ թեքվեց դեպի իշխանը, դեռ շարունակ աշխատելով ուղիղ չնայել նրան, ուզեց ձեռքը դնել նրա ուսին, որ ավելի ևս համոզիչ ձևով խնդրեր նրան չբարկանալ,— լավ,— ավելացրեց նա սարսափելի ամաչելով,— ես զգում եմ, որ շատ հիմար արտահայտություն գործածեցի։ Դա ես այնպես... ձեզ փորձելու համար։ Ընդունեցեք այնպես, որ իբր չի էլ ասված։ Իսկ եթե ձեզ վիրավորեցի, ապա ներեցեք։ Խնդրում եմ, ուղիղ մի նայեք ինձ վրա, շրջվեցեք։ Դուք ասացիք, որ շատ կեղտոտ միտք է, ես դիտմամբ ասացի, որ ձեզ խայթեմ։ Երբեմն ես ինքս էլ եմ վախենում նրանից, ինչ որ ուզում եմ ասել, և հանկարծ ասում եմ։ Դուք հիմա ասացիք, որ այդ նամակը գրել եք ձեր կյանքի ամենածանր րոպեին... Ես գիտեմ որ րոպեում,— կամացուկ ասաց նա, նորից դետնին նայելով։
 +
 +
— Օ, եթե կարողանայի՜ք ամեն ինչ իմանալ։
 +
 +
— Ես ամե՜ն ինչ գիտեմ,— բացականչեց նա նոր հուզմունքով,— դուք այն ժամանակ ապրում էիք նույն սենյակներում այդ նողկալի կնոջ հետ, որի հետ փախաք...
 +
 +
Նա արդեն ոչ թե կարմրեց, այլ գունատվեց այդ ասելով, և հանկարծ տեղից վեր կացավ, ասես ինքն իրեն մոռացած, բայց իսկույն էլ, սթափվելով, նստեց. նրա շրթունքը դեռ երկար շարունակում էր դողալ։ Լռությունը շարունակվեց մոտ մեկ րոպե։ Իշխանը սաստիկ զարմացած. էր այդ արարքի անսպասելիությունից և չգիտեր, ինչին վերագրի դա։
 +
 +
— Ես ձեզ բոլորովին չեմ սիրում,— հանկարծ ասաց Ագլայան, կարծես կտրեց։
 +
 +
Իշխանը ոչինչ չպատասխանեց, նորից լռեցին րոպեի չափ։
 +
 +
— Ես սիրում եմ Գավրիլա Արդալիոնովիչին...— ասաց նա արագախոսությամբ, բայց հազիվ լսելի ու ավելի ես խոնարհեց գլուխը։
 +
 +
— Դա ճիշտ չէ,— ասաց իշխանը, նույնպես գրեթե շշուկով։
 +
 +
— Ուրեմն ես ստո՞ւմ եմ։ Դա ճիշտ է, ես նրան խոսք տվի, երեք օր աոաջ, հենց այս նստարանի վրա։
 +
 +
Իշխանը վախեցավ և մի ակնթարթ մտասուզվեց։
 +
 +
— Դա ճիշտ չէ,— կրկնեց նա վճռական,— դուբ այդ բոլորը հնարեցիք։
 +
 +
— Զարմանալի քաղաքավարի է։ Գիտցեք, որ նա ուղղվել է, նա ինձ սիրում է իր կյանքից ավելի։ Նա իմ առաջ այրեց իր ձեռքը, որպեսզի միայն ապացուցի, որ ինձ իր կյանքից ավելի է սիրում։
 +
 +
— Այրեց իր ձե՞ռքը։
 +
 +
— Այո, իր ձեռքը։ Հավատաք-չհավատաք, ինձ համար մեկ է։
 +
 +
Իշխանը նորից լռեց։ Ագլայայի խոսքերում կատակ չկար. նա բարկանում էր։
 +
 +
— Այդ ինչ, նա իր հետ մո՞մ էր բերել, եթե դա այստեղ էր տեղի ունեցել։ Այլ կերպ ես չեմ կարող պատկերացնել...
 +
 +
— Այո... մոմ։ Ի՞նչ կա այստեղ անհավատալի։
 +
 +
— Ամբո՞ղջ, թե մոմկալի մեջ։
 +
 +
— Դե այո... ոչ... կես մոմ... մնացուկը... մի ամբողջ մոմ, միևնույն է, վազն անցեք... Եվ, եթե ուզում եք, լուցկի էլ էր բերել։ Մոմ վառեց և ամբողջ կես ժամ մատը բռնել էր մոմի վրա, մի՞թե դա չի կարող պատահել։
 +
 +
— Ես երեկ նրան տեսել եմ, նրա մատներն առողջ են։
 +
 +
Ագլայան հանկարծ փռթկացրեց, բոլորովին երեխայի պես։
 +
 +
— Գիտե՞ք ինչու ստեցի հիմա,— հանկարծ դարձավ նա դեպի իշխանը, ամենամանկական դյուրահավատությամբ և դեռ շրթունքների վրա դողացող ծիծաղով,— որովհետև երբ ստում ես, ապա եթե ճարպկորեն ավելացնում ես որևէ ոչ բոլորովին սովորական, որևէ էքսցենտրիկ բան, գիտե՞ք, որևէ այնպիսի բան, որ չափազանց կտրուկ է կամ բոլորովին չի լինում, ապա սուտը ավելի հավանական է դառնում։ Ես դա նկատել եմ։ Միայն իմը վատ ստացվեց, որովհետև չկարողացա...
 +
 +
Հանկարծ նա նորից խոժոռվեց, ասես ուշքի գալով։
 +
 +
— Եթե ես այն ժամանակ,— դարձավ նա իշխանին, լուրջ և նույնիսկ տխուր նայելով նրան,— եթե ես այն ժամանակ ձեզ համար կարդացի «աղքատ ասպետի» մասին, ապա դրանով թեև ուզում էի... ձեզ գովել մի բանի համար, բայց միևնույն ժամանակ ուզում էի նաև նշավակել ձեզ ձեր վարքի համար և ձեզ ցույց տալ, որ ես ամեն ինչ գիտեմ...
 +
 +
— Դուք շատ անարդարացի եք դեպի ինձ... դեպի այն դժբախտը, որի մասին հիմա այդպես սոսկալի արաահայտվեցիք, Ագլայա։
 +
 +
— Որովհետև ես ամեն ինչ գիտեմ, ամեն ինչ, դրա համար էլ այդպես արտահայտվեցի։ Ես գիտեմ, ինչպես դուք կես տարի առաջ բոլորի ներկայությամբ նրան առաջարկել եք ձեր ձեռքը։ Մի ընդհատեք, տեսնում եք, ես առանց կոմենտարների եմ խոսում։ Դրանից հետո նա փախել է Ռոգոժինի հետ, հետո դուք ապրել եք նրա հետ ինչ-որ գյուղում, թե քաղաքում, և նա ձեզնից գնացել է ինչ-որ մեկի մոտ։ (Ագլայան սոսկալի կարմրեց)։ Հետո նա նորից վերադարձել է Ռոգոժինի մոտ, որը նրան սիրում է ինչպես... ինչպես խելագար։ Հետո դուք՝ նույնիսկ շատ խելացի մարդ, հիմա նրա հետևից սլացաք-եկաք այստեղ, հենց որ իմացաք, որ վերադարձել է Պետերբուրգ։ Երեկ երեկոյան դուք նետվեցիք նրան պաշտպանելու, իսկ հիմա երազում նրան էիք տեսնում... Տեսնո՞ւմ եք, որ ես ամեն ինչ գիտեմ, չէ՞ որ դուք նրա համար, նրա համար եք եկել այստեղ։
 +
 +
— Այո, նրա համար,— կամացուկ պատասխանեց իշխանը, տխուր ու մտախոհ հակելով գլուխը և չկասկածելով, ,թե ինչպիսի փայլատակող հայացքով նայեց նրան Ագլայան,— նրա համար, որպեսզի միայն իմանամ... Ես չեմ հավատում նրա բախտին Ռոգոժինի հետ, թեև... մի խոսքով, ես չգիտեմ, թե ինչ կկարողանայի անել այստեղ նրա համար և ինչով օգնել, բայց ես եկա։
 +
 +
Նա ցնցվեց ու նայեց Ագլայային. սա ատելությամբ ականջ էր դնում իշխանին։
 +
 +
— Եթե եկել եք չիմանալով, թե ինչու։ Նշանակում է շատ եք սիրում,— ասաց նա վերջապես։
 +
 +
— Ոչ,— պատասխանեց իշխանը,— ոչ, չեմ սիրում։ Օ, եթե իմանայիք, ինչպիսի՜ սարսափով եմ հիշում այն ժամանակը, որ անցկացրի նրա հետ։
 +
 +
Այս խոսքերն ասելիս նույնիսկ սարսուռ անցավ նրա մարմնով։
 +
 +
— Ասացեք ամեն ինչ,— ասաց Ագլայան։
 +
 +
— Այստեղ ոչ մի այնպիսի բան չկա, որը դուք չկարողանայիք լսել։ Թե ինչու էի հենց ձեզ ուզում այս ամենը պատմել, և միայն ձեզ, չգիտեմ, գուցե նրա համար, որ իրոք ձեզ շատ էի սիրում։ Այդ դժբախտ կինը խորապես համոզված է, որ ինքը ամենաընկած, ամենաարատավոր էակն է աշխարհում։ Օ, մի անարգեք նրան, քար մի շպրտեք։ Նա չափից ավելի է տանջել ինքն իրեն իր անարդարացի խայտառակության գիտակցությամբ։ Եվ ինչո՞վ է նա մեղավոր, օ, աստված իմ։ Օ, նա ամեն րոպե մոլեգնաբար բղավում է, որ իրեն մեղավոր չի համարում, որ ինքը մարդկանց զոհն է, անբարոյականի ու չարագործի զոհը, բայց ինչ էլ ասելու լինի ձեզ, գիտցեք, որ առաջինը ինքը չի հավատում իրեն և որ նա իր ամբողջ խղճով հավատում է, ընդհակառակը, որ նա... ինքն է մեղավոր։ Երբ ես փորձում էի ցրել այդ խավարը, ապա նա այնպիսի տառապանքների էր հասնում, որ իմ սիրտը երբեք չի լավանա, քանի հիշեմ այդ սարսափելի ժամանակը։ Ասես իմ սիրտը խոցել են մեկընդմիշտ։ Նա գիտե՞ք ինչու փախավ ինձնից։ Հենց միայն նրա համար, որպեսզի ինձ ապացուցի, որ ինքը ստոր է։ Բայց այստեղ ամենասարսափելին այն է, որ նա ինքն էլ, կարող է պատահել, չգիտեր, թե մենակ ինձ է ուզում ապացուցել այդ, այլ փախավ նրա համար, որ անպայման, ներքուստ ուզում էր ամոթալի բան անել, որպեսզի տեղնուտեղը ինքն իրեն ասեր. «Ահա դու նոր անամոթություն արիր, նշանակում է դու ստոր արարած ես»։ Օ, գուցե դուք սա չհասկանաք, Ագլայա։ Գիտե՞ք արդյոք, խայտառակության այդ մշտական գիտակցության մեջ նրա համար, գուցե, պարունակվում է ինչ֊որ սարսափելի, անբնական հաճույք, ասես վրիժառություն ինչ֊որ մեկից։ Երբեմն ես նրան այնտեղ էի հասցնում, որ նա կարծես թե նորից լույս էր տեսնում իր շուրջը, բայց իսկույն նորից էր վրդովվում և այնտեղն էր հասնում, որ հենց ինձ էր դառնությամբ մեղադրում, որ իբր ինձ նրանից բարձր եմ դասում (երբ դա իմ մտքովն էլ չէր անցնում), և ուղղակի հայտարարեց ինձ, վերջապես, ամուսնության իմ առաջարկին, որ նա ոչ ոքից չի պահանջում ոչ մեծամիտ կարեկցություն, ոչ օգնություն, ոչ «բարձրացում մինչև իր աստիճանը»։ Դուք երեկ տեսաք նրան. մի՞թե կարծում եք, նա երջանիկ է այդ մարդկանց հետ, որ դա նրա միջավայրն է։ Դուք չգիտեք, թե ինչպես զարգացած է նա և ի՜նչ կարող է հասկանալ։ Սա նույնիսկ երբեմն զարմացնում էր ինձ։
 +
 +
— Դուք այնտե՞ղ էլ նրան կարդում էիք նույնպիսի... քարոզներ։
 +
 +
— Օ, ոչ,— մտածկոտ շարունակեց իշխանը, չնկատելով հարցի եղանակը,— ես գրեթե միշտ լռում էի։ Ես հաճախ էի ուզում խոսել, բայց իսկապես, չգիտեի, թե ինչ ասեմ։ Գիտե՞ք, որոշ դեպքերում լավ է ոչինչ չասել։ Օ, ես սիրում էի նրան. օ, շատ էի սիրում... բայց հետո... հետո... հետո նա ամեն ինչ կռահեղ։
 +
 +
— Ի՞նչ կռահեց։
 +
 +
— Որ ես միայն խղճում եմ նրան, բայց որ ես... արդեն չեմ սիրում նրան։
 +
 +
— Ինչի՞ց գիտեք, գուցե նա իսկապես սիրահարվել էր այն... կալվածատիրոջը, որի հետ փախավ։
 +
 +
— Ոչ, ես ամեն ինչ գիտեմ, նա միայն ծիծաղեց նրա վրա։
 +
 +
— Իսկ ձեր վրա երբե՞ք չէր ծիծաղում։
 +
 +
— Ո-ոչ, նա ծիծաղում էր չարությունից, օ, այն ժամանակ նա ինձ սարսափելի կշտամբում էր, ցասմնալի, և ինքն էլ տառապում էր։ Բայց հետո... օ, մի հիշեցրեք, մի հիշեցրեք ինձ դա։
 +
 +
Նա դեմքը ծածկեց ձեռքերով։
 +
 +
— Իսկ գիտե՞ք, որ նա գրեթե ամեն օր ինձ նամակներ է գրում։
 +
 +
— Նշանակում է դա ճի՜շտ է,— գոչեց իշխանը տագնապած,— ես լսել էի, բայց դեռ չէի ուզում հավատալ։
 +
 +
— Ումի՞ց էիք լսել,— վախեցած սրսփաց Ագլայան։
 +
 +
— Երեկ Ռոգոժինն ասաց ինձ, միայն ոչ բոլորովին պարզ։
 +
 +
— Երե՞կ։ Երեկ առավոտյա՞ն։ Երեկ ե՞րբ։ Երաժշտությունից առա՞ջ, թե հետո։
 +
 +
— Հետո, երեկոյան, ժամը տասներկուսին մոտ։
 +
 +
— Ա-ա՜, դե, եթե Ռոգոժինը... իսկ գիտե՞ք ինչի մասին է գրում ինձ այդ նամակներում։
 +
 +
— Ես ոչնչի վրա չեմ զարմանում, նա խելագար է։
 +
 +
— Ահա այդ նամակները (Ագլայան գրպանից հանեց երեք նամակ երեք ծրարի մեջ և նետեց իշխանի առաջ)։ Ահա արդեն մի ամբողջ շաբաթ նա ինձ աղերսում է, հակում, գայթակղեցնում, որպեսզի ես ամուսնանամ ձեզ հետ։ Նա... այո, նա խելացի է, թեպետև խելագար է, և դուք ճիշտ եք ասում, որ նա ինձնից շատ ավելի խելոք է... նա ինձ գրում է, որ սիրահարված է ինձ, որ ամեն օր առիթ է որոնում թեկուզ հեռվից ինձ տեսնելու։ Նա գրում է, որ դուք սիրում եք ինձ, որ նա այդ գիտի, վաղուց է նկատել, և որ դուք նրա հետ այնտեղ խոսել եք իմ մասին։ Նա ուզում է ձեզ տեսնել երջանիկ, նա համոզված է, որ միայն ես կկազմեմ ձեր երջանկությունը... նա այնպես անսովոր է գրում... տարօրինակ։ Ես ոչ ոքի ցույց չեմ տվել նամակները, ես ձեզ էի սպասում. դուք գիտե՞ք դա ինչ է նշանակում։ Ոչինչ չե՞ք կոահում։
 +
 +
— Դա խելագարություն է. նրա ցնորվածության ապացույցը,— ասաց իշխանը, և նրա շրթունքները դողացին։
 +
 +
— Դուք հո չե՞ք լալիս։
 +
 +
— Ոչ, Ագլայա, ոչ, չեմ լալիս,— նրան նայեց իշխանը։
 +
 +
— Ի՞նչ անեմ ես այստեղ։ Ի՞նչ խորհուրդ կտաք ինձ։ Հո չե՞մ կարող այս նամակներն ստանալ։
 +
 +
— Օ, թողեք նրան, աղաչում եմ ձեզ,— գոչեց իշխանը,— ի՞նչ եք անելու այս խավարում. ես բոլոր ջանքերս կգործադրեմ, որպեսզի նա այլևս չգրի ձեզ։
 +
 +
— Եթե այդպես է, դուք անսիրտ մարդ եք,— բացականչեց Ագլայան,— մի՞թե չեք տեսնում, որ նա ոչ թե ինձ է սիրահարված, այլ ձեզ, միայն ձեզ է սիրում նա։ Մի՞թե նրա մեջ ամեն ինչ կարողացել եք նկատել, իսկ դա չեք նկատել։ Գիտե՞ք ինչ բան է սա, ինչ են նշանակում այս նամակները։ Սա խանդ է, սա ավելին է, քան խանդը։ Նա... դուք կարծում եք, նա իսկապե՞ս կամուսնանա Ռոգոժինի հետ, ինչպես գրում է այնտեղ նամակներում։ Նա հաջորդ օրը կսպանի ինքն իրեն, հենց որ մենք ամուսնանանք։
 +
 +
Իշխանը ցնցվեց, նրա սիրտը նվաղեց։ Բայց նա զարմացած նայում էր Ագլայային, նրա համար տարօրինակ էր ընդունել, որ այս մանուկը վաղուց արդեն կին է։
 +
 +
— Աստված տեսնում է, Ագլայա, որպեսզի նրան վերադարձնեի հանգիստը և երջանկացնեի, ես կյանքս կտայի, բայց... ես արդեն չեմ կարող սիրել, և նա գիտի այդ։
 +
 +
— Ուրեմն զոհաբերեք ձեզ, չէ՞ որ դա այնքան սազում է ձեզ։ Չէ՞ որ դուք այնպիսի մե՜ծ բարերար եք։ Եվ ինձ «Ագլայա» մի ասացեք... Դուք քիչ առաջ էլ ինձ ուղղակի Ագլայա ասացիք... Դուք պետք է, դուք պարտավոր եք հարություն տալ նրան, դուք պետք է մեկնեք նրա հետ, որպեսզի խաղաղեցնեք ու հանգստացնեք նրա սիրտը։ Ախր դուք նրան սիրում էլ եք։
 +
 +
— Ես չեմ կարող այդպես զոհաբերել ինձ, թեև ուզում էի մի անդամ ևս... գուցե հիմա էլ ուզում եմ։ Բայց ես հաստատ գիտեմ, որ նա ինձ հետ կկործանվի, դրա համար էլ թողնում եմ նրան։ Ես պետք է նրան տեսնեի այսօր ժամը յոթին, ես, գուցե, հիմա չգնամ։ Իր հպարտությամբ նա երբեք չի ների իմ սերը, և մենք երկուսս էլ կկործանվենք։ Սա անբնական է, բայց այստեղ ամե՛ն ինչ անբնական է։ Դուք ասում եք, նա սիրում է ինձ, բայց մի՞թե դա սեր է։ Մի՞թե կարող է այդպիսի սեր լինել, նրանից հետո, ինչ ես տարել եմ։ Ոչ, այստեղ ուրիշ բան է, և ոչ թե սեր։
 +
 +
— Ինչպես գունատվել եք,— վախեցավ հանկարծ Ագլայան։
 +
 +
— Ոչինչ, ես քիչ եմ քնել, թուլացել եմ, ես... մենք իրոք ձեր մասին խոսում էինք այն ժամանակ, Ագլայա...
 +
 +
— Ուրեմն դա ճի՞շտ է։ Դուք իսկապես ''կարող էիք նրա հետ իմ մասին'' խոսել և... ինչպե՞ս կարող էիք ինձ սիրել, երբ ընդամենը մեկ անգամ էիք տեսել ինձ։
 +
 +
— Ես չգիտեմ ինչպես։ Իմ այն ժամանակվա խավարում ես երազում էի... ինձ պատկերանում էր, գուցե, նոր արշալույս։ Ես չգիտեմ ինչպես առաջինը ձեր մասին մտածեցի։ Ես այն ժամանակ ճիշտ էի գրել, որ չգիտեմ։ Այդ բոլորը լոկ երազանք էր այն ժամանակվա սարսափից... Հետո ես սկսեցի պարապել. ես երեք տարի չէի գա այստեղ...
 +
 +
— Նշանակում է նրա համա՞ր եկաք։
 +
 +
Եվ Ագլայայի ձայնի մեջ մի բան դողաց։
 +
 +
— Այո, նրա համար։
 +
 +
Անցավ երկուսի կողմից էլ մռայլ լռության մի երկու րոպե։ Ագլայան տեղից վեր կացավ։
 +
 +
— Եթե դուք ասում եք,— անհաստատ ձայնով սկսեց նա,— եթե դուք ինքներդ հավատում եք, որ ձեր... այդ կինը... խելագար է, ապա չէ՞ որ նրա խելագար ֆանտազիաների հետ ես գործ չունեմ... Խնդրում եմ ձեզ, Լև Նիկոլաևիչ, վերցնել այս երեք նամակը և նրան նետել իմ կողմից։ Եվ եթե նա,— բղավեց հանկարծ Ագլայան,— եթե նա համարձակվի մի անգամ էլ ինձ ուղարկել մի տող, ապա ասացեք նրանք որ ես կգանգատվեմ հորս և որ նրան կտանեն զսպատուն...
 +
 +
Իշխանը վեր թռավ և վախեցած նայում էր Ագլայայի հանկարծակի ցասմանը, և հանկարծ մշուշը ցրվեց նրա առջևից...
 +
 +
— Դուք չեք կարող այդպես զգալ... գա, դա ճիշտ չէ,— քրթմնջում էր նա։
 +
 +
— Դա ճի՜շտ է։ Ճի՜շտ է,— ճչաց Ագլայան, գրեթե ինքն իրեն մոռացած։
 +
 +
— Ի՞նչն է ճիշտ։ Ի՞նչ ճիշտ,— հնչեց նրա կողքին մի վախեցած ձայն։
 +
 +
Նրանց առջև կանգնած էր Լիզավետա Պրոկոֆևնան։
 +
 +
— Այն է ճիշտ, որ ես մարդու եմ գնում Գավրիլա Արդալիոնովիչին։ Որ ես Գավրիլա Արդալիոնովիչին սիրում եմ և վաղն իսկ նրա հետ փախչում եմ տնից,— նրա վրա հարձակվեց Ագլայան։֊— Լսեցի՞ք։ Բավարարվա՞ծ է ձեր հետաքրքրությունը։ Գո՞հ եք դրանից։
 +
 +
Եվ նա վազեց տուն։
 +
 +
— Ոչ, եղբայր, դուք հիմա մի հեռացեք,— կանգնեցրեց իշխանին Լիզավետա Պրոկոֆևնան,— բարի եղեք, համեցեք ինձ մոտ բացատրության... Այս ի՞նչ տանջանք է, ես առանց այն էլ ամբողջ գիշերը չեմ քնել...
 +
 +
Իշխանը գնաց նրա հետևից։
 +
 +
=== IX ===
 +
 +
Իր տուն մտնելով, Լիզավետա Պրոկոֆևնան կանգ առավ հենց առաջին սենյակում, ավելի գնալ նա չէր կարող և բոլորովին ուժասպառված նստեց թախտին, նույնիսկ մոռանալով իշխանին հրավիրել նստելու։ Դա մի բավական մեծ դահլիճ էր, մեջտեղը դրած կլոր սեղանով, բուխարիկով, լուսամուտների մոտի դարակներին լիքը ծաղիկներ դրած և հետևի պատին՝ դեպի այգին բացվող մի ուրիշ ապակե դռնով։ Անմիջապես ներս մտան Ադելաիդան ու Ալեքսանդրան, հարցական ու տարակուսած նայելով իշխանին ու մորը։
 +
 +
Աղջիկները ամառանոցում սովորաբար վեր էին կենում ժամը իննին. միայն Ագլայան վերջին երկու֊երեք օրը սովորություն էր դարձրել մի քիչ վաղ վեր կենալ և դուրս էր գալիս այգի զբոսնելու, բայց և այնպես ոչ ժամը յոթին, այլ ութին կամ նույնիսկ ավելի ուշ։ Լիզավետա Պրոկոֆևնան, որ իրոք գիշերը չէր քնել իր զանազան տագնապների պատճառով, վեր էր կացել ժամը ութին մոտ, դիտմամբ նրա համար, որպեսզի այգում հանդիպի Ագլայային, ենթադրելով, որ նա արդեն վեր կացած կլինի. բայց ոչ այգում, ոչ ննջարանում նրան չէր գտել։ Այստեղ նա վերջնականապես անհանգստացած արթնացրել էր աղջիկներին։ Աղախնուց իմացան, որ Ագլայա Իվանովնան դեռ ժամը յոթը չեղած գնացել էր զբոսայգի։ Աղջիկները քմծիծաղ տվին իրենց ֆանտաստիկ քույրիկի նոր ֆանտազիայի վրա և նկատեցին մայրիկին, որ ով գիտի, Ագլայան դեռ բարկանա էլ, եթե մայրը գնա զբոսայգի նրան որոնելու, և որ, հավանաբար, նա հիմա գիրքը ձեռքին նստած է կանաչ նստարանին, որի մասին նա սկսում էր դեռ երեք օր առաջ և որի համար համարյա կռվեց իշխան Շչ-ի հետ, որովհետև, նա նստարանի տեղագրության մեջ ոչ մի առանձին բան չգտավ։ Բռնելով տեսակցությունը և լսելով աղջկա տարօրինակ խոսքերը, Լիզավետա Պրոկոֆևնան սարսափելի վախեցած էր, շատ պատճառներով, բայց հիմա, իշխանին իր հետ բերելով, վախեցավ, որ գործ էր սկսել. «Իսկ ինչո՞ւ Ագլայան չէր կարող հանդիպել ու խոսքի բռնվել իշխանի հետ զբոսայգում, նույնիսկ, վերջապես, եթե դա վախօրոք պայմանավորված տեսակցություն էլ լիներ»։
 +
 +
— Չկարծեք, իշխան, սիրելիս,— ասաց նա վերջապես հաղթահարելով տհաճ զգացմունքը,— որ ձեզ այստեղ քարշ տվի հարցաքննության։ Ես, աղավնյակս, երեկվա երեկոյից հետո, գուցե, շատ երկար ժամանակ քեզ հետ հանդիպել անգամ չէի ուզենա։
 +
 +
Նա մի քիչ դեմ առավ։
 +
 +
— Բայց և այնպես շա՜տ կուզենայիք իմանալ, թե այսօր ինչպես հանդիպեցինք ես ու Ագլայա Իվանովնան,— շատ հանգիստ ավարտեց իշխանը։
 +
 +
— Հետո՛ ինչ, կուզենայի՜,— անմիջապես բռնկվեց Լիզավետա Պրոկոֆևնան։— Չեմ վախենա և ուղղակի խոսքերից։ Որովհետև ոչ ոքի չեմ նեղացնում և չէի ուզենա նեղացնել...
 +
 +
— Ներեցեք, առանց նեղացնելու էլ բնական է, որ ուզում եք իմանալ, դուք մայր եք։ Մենք այսօր Ագլայա Իվանովնայի հետ հանդիպեցինք կանաչ նստարանի մոտ առավոտյան ժամը ուղիղ յոթին նրա երեկվա հրավերի հետևանքով։ Նա երեկ երեկոյան ինձ մի տոմսակով իմաց էր տվել, որ ինքը պետք է տեսնի և ինձ հետ խոսի կարևոր գործի մասին։ Մենք տեսնվեցինք և մի ամբողջ ժամ խոսում էիք այնպիսի գործերի մասին, որոնք իսկն ասած վերաբերում էին Ագլայա Իվանովնային, ահա և ամբողջը։
 +
 +
— Իհարկե, ամբողջը, սիրելիս, և առանը որևէ կասկածի ամբողջը,— արժանապատվությամբ արտասանեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 +
 +
— Հիանալի է, իշխան,— ասաց Ագլայան, հանկարծ մտնելով սենյակ,— ամբողջ սրտով շնորհակալ եմ ձեզնից, որ ինձ էլ անընդունակ համարեցիք այստեղ ստորանալու մինչև սուտ ասելու աստիճան։ Այդքանը հերի՞ք է ձեզ, maman, թե՞ մտադիր եք էլի հարցաքննել։
 +
 +
— Դու գիտես, որ մինչև հիմա ես ոչ մի բանի համար ստիպված չեմ եղել քո առաջ կարմրել... Թեև դու, գուցեև, ուրախ կլինեիր, որ կարմրեի,— խրատական ձևով ասաց Լիզավետա Պրոկոֆևնան։— Մնաք բարով, իշխան, ինձ էլ ներեցեք, որ անհանգստացրի։ Եվ հուսով եմ։ Համոզված կմնաք դեպի ձեզ տածած անփոփոխ հարգանքիս։
 +
 +
Իշխանն անմիջապես գլուխ տվեց երկու կողմի վրա և լուռ դուրս եկավ։ Ալեքսանդրան և Ադելաիդան քմծիծաղ տվին և իրար մեջ ինչ֊որ բան շշնջացին։ Լիզավետա Պրոկոֆևնան խստորեն նայեց նրանց։
 +
 +
— Մենք միայն նրա վրա ծիծաղեցինք, maman,— ծիծաղեց Ադելաիդան,— որ իշխանը այդպես հիանալի հրաժեշտ տվեց. երբեմն բոլորովին ծանրաշարժ է, իսկ հիմա հանկարծ ինչպես... ինչպես Եվգենի Պավլովիչը։
 +
 +
— Քաղաքավարությունն ու արժանապատվությունը սիրտն ինքն է սովորեցնում, և ոչ թե պարերի ուսուցիչը,— ուսուցողաբար եզրափակեց Լիզավետա Պրոկոֆևնան և անցավ վերև, իր հարկաբաժինը, նույնիսկ չնայելով Ագլայայի վրա։
 +
 +
Երբ իշխանը վերադարձավ տուն, արդեն ժամը իննին մոտ էր, պատշգամբում գտավ Վերա Լուկիանովնային և աղախնուն։ Նրանք միասին հավաքում ու ավլում էին երեկվա անկարգությունից հետո։
 +
 +
— Փառք աստծու, հասցրինք մինչև ձեր գալը վերջացնել,— ուրախ ասաց Վերան։
 +
 +
— Բարև ձեզ. մի քիչ գլուխս պտտվում է, ես վատ եմ քնել. կքնեի։
 +
 +
— Երեկվա պես այստեղ, պատշգամբո՞ւմ։ Լավ։ Ես բոլորին կասեմ, որ ձեզ չզարթնեցնեն։ Հայրիկս ինչ֊որ տեղ է գնացել։
 +
 +
Աղախինը դուրս ելավ։ Վերան գնաց նրա հետևից, բայց վերադարձավ և մտահոգ մոտեցավ իշխանին։
 +
 +
— Իշխան, խղճացեք այն... թշվառին. մի վռնդեք նրան այսօր։
 +
 +
— Ոչ մի դեպքում չեմ վռնդի, ինչպես որ նա ինքը կուզի։
 +
 +
— Նա հիմա ոչինչ չի անի և... նրա հետ խիստ մի եղեք։
 +
 +
— Օ ոչ, ինչո՞ւ։
 +
 +
— Եվ... մի ծիծաղեք նրա վրա. ահա սա ամենագլխավորն է։
 +
 +
— Օ, բոլորովի՜ն ոչ։
 +
 +
— Հիմար եմ ես, որ ձեզ նման մարդուն ասում եմ այդ մասին,— կարմրեց Վերան։— Ու թեև դուք հոգնած եք,— ծիծաղեց նա, կիսաշրջվելով, որպեսզի գնա,— բայց ձեր աչքերն այնքան լավն են այս րոպեիս... երջանիկ են։
 +
 +
— Մի՞թե երջանիկ են,— աշխուժորեն հարցրեց իշխանը և ուրախ ծիծաղեց։
 +
 +
Բայց Վերան, որ տղայի պես պարզասիրտ ու հասարակ էր, հանկարծ մի տեսակ շփոթվեց, ավելի սաստիկ կարմրեց և, շարունակելով ծիծաղել, արագ դուրս եկավ սենյակից։
 +
 +
«Ինչ... լավիկն է...» — մտածեց իշխանը և իսկույն մոռացավ նրա մասին։ Նա անցավ պատշգամբի անկյունը, որտեղ թախտ էր դրված և առջևը մի փոքրիկ սեղան, նստեց, երեսը ձեռքերով ծածկեց և նստած մնաց մի տասը րոպե, հանկարծ շտապ ու տագնապած ձեռքը տարավ կողքի գրպանը և հանեց երեք նամակը։
 +
 +
Բայց դուռը նորից բացվեց և ներս մտավ Կոլյան։ Իշխանը կարծես ուրախացավ, որ ստիպված էր նորից գրպանը գնել նամակները և րոպեն հեռացնել։
 +
 +
— Այ թե պատահա՜ր էր,— ասաց Կոլյան, նստելով թախտին և ուղղակի մոտենալով նյութին, ինչպես և բոլոր նրա նմաններըԼ— Հիմա ինչպե՞ս եք նայում Իպոլիտին։ Առանց հարգանքի՞։
 +
 +
— Ինչո՞ւ... բայց, Կոլյա, ես հոգնել եմ... համ էլ շատ տխուր է նորից դրա մասին սկսել... Բայց ինչպե՞ս է նա։
 +
 +
— Քնած է և դեռ երկու ժամ էլ կքնի։ Հասկանում եմ. դուք տանը չէիք քնել, զբոսնում էիք այգում... իհարկե... հուզմունք... պարզ բա՜ն է։
 +
 +
— Ի՞նչ գիտեք, որ ես զբոսնում էի այգում և տանը չեմ քնել։
 +
 +
— Նոր Վերան էր ասում։ Համոզում էր, որ ներս չմտնենք, ես չհամբերեցի, մի րոպեով։ Ես այդ երկու ժամը հերթապահեցի անկողնու մոտ. հիմա Կոստյա Լեբեդևին նստեցրի հերթապահելու։ Բուրդովսկին գնաց։ Դե պառկեցեք, իշխան, բարի գի... դե, բարի առավոտ։ Միայն գիտե՞ք, ես զարմացած եմ։
 +
 +
— Իհարկե... այս ամենը...
 +
 +
— Ոչ, իշխան, ոչ. ես զարմացած եմ «Խոստովանությունից»։ Գլխավորը, այն տեղից, որտեղ նա խոսում է նախախնամության և ապագա կյանքի մասին։ Այնտեղ վիթ-խա-րի՜ միտք կա։
 +
 +
Իշխանը սիրալիր նայեց Կոլյային, որը, իհարկե, հենց դրա համար էլ մտել էր, որ ինչքան կարելի է շուտ խոսեր վիթխարի մտքի մասին։
 +
 +
— Բայց գլխավորը, գլխավորը միայն մտքի մեջ չէ, այլ ամբողջ իրադրության։ Եթե դա Վոլտերը, Ռուսսոն, Պրուդոնը գրած լինեին, ես կկարդայի, կնկատեի, բայց չէի զարմանա այդ աստիճան։ Բայց մի մարդ, որը հաստատ գիտի, որ իրեն տասը րոպե է մնում, և այդպես է ասում, չէ՞ որ դա հպա՜րտ բան է։ Չէ՞ որ դա սեփական արժանապատվության բարձրագույն անկախություն է, չէ՞ որ դա նշանակում է ուղղակի խրոխտալ... Ոչ, դա ոգու վիթխարի ուժ է։ Եվ դրանից հետո պնդել, թե նա դիտմամբ չէր դրել հրապատիճը, դա ստորություն է, անբնական է։ Իսկ գիտե՞ք, ախր նա երեկ խաբեց, խորամանկություն արեց. ես բնավ երբեք նրա հետ պայուսակ չեմ դասավորել և երբեք ատրճանակ չեմ տեսել, ամեն ինչ նա է դասավորել, այնպես որ նա ինձ հանկարծ մոլորեցրեց։ Վերան ասում է, որ դուք նրան թողնում եք այստեղ, երդվում եմ, որ վտանգ չի լինի, մանավանդ որ մենք բոլորս առանց հեռանալու նրա մոտ ենք։
 +
 +
— Իսկ ձեզանից ո՞վ էր այնտեղ գիշերը։
 +
 +
— Ես, Կոստյա Լեբեդևը, Բուրդովսկին։ Կելլերը մի քիչ մնաց, իսկ հետո տեղափոխվեց Լեբեդևի մոտ քնելու, որովհետև մեզ մոտ պառկելու տեղ չկար։ Ֆերդիշչենկոն էլ Լեբեդևի մոտ էր քնել, ժամը յոթին գնաց... Լեբեդևը, գուցե, հիմա կգա ձեզ մոտ, նա, չգիտեմ ինչու, ձեզ էր որոնում, երկու անգամ հարցրեց։ Նրան թողնե՞մ, թե չթողնեմ, եթե պառկեք քնելու։ Ես էլ եմ գնում քնելու։ Ախ, հա, ես ձեզ մի բան կասեի. ինձ այն ժամանակ զարմացրեց գեներալը. Բուրդովսկին ինձ արթնացրեց ժամը յոթին մոտ հերթապահելու, նույնիսկ համարյա վեցին. ես մի րոպեով դուրս եկա, հանկարծ հանդիպում եմ գեներալին և դեռ այն աստիճան հարբած, որ ինձ չճանաչեց, գերանի պես կանգնել է իմ առջև, հենց որ սթափվեց, ուղղակի հարձակվեց վրաս. «Ինչպե՞ս է հիվանդը։ Ես գալիս էի հիվանդի մասին իմանալու...»։ Ես զեկուցեցի, դե, այս, այն։ «Այդ բոլորը լավ, ասում է, բայց, գլխավորը, ես գալիս էի, դրա համար էլ վեր կացա, որպեսզի քեզ նախազգուշացնեմ, ես հիմք ունեմ ենթադրելու, որ պարոն Ֆերդիշչենկոյի ներկայությամբ չի կարելի ամեն ինչ խոսել և...․ պետք է զուսպ լինել»։ Հասկանո՞ւմ եք, իշխան։
 +
 +
— Մի՞թե։ Ասենք... մեզ համար միևնույն է։
 +
 +
— Այո, անտարակույս միևնույն է, մենք մասոններ չե՜նք։ Այնպես որ ես նույնիսկ զարմացա, որ գեներալը հատկապես գալիս էր դրա համար ինձ արթնացնելու գիշերը։
 +
 +
—- Ասում եք, Ֆերդիշչենկոն գնացե՞լ է։
 +
 +
— Ժամը յոթին, հարևանցի անցավ մոտս. ես հերթապահում էի։ Ասաց, որ գնում է գիշերը վիլկինի մոտ ավարտելու,— մի այդպիսի հարբեցող կա, Վիլկին։ Դե, գնում եմ։ Ահա և Լուկիան Տիմոֆեիչը... Իշխանն ուզում է քնել, Լուկիան Տիմոֆեիչ, ետ դարձեք։
 +
 +
— Միայն մի րոպեով, մեծարգո իշխան, իմ տեսակետից մի նշանակալի գործով,— լարված և ինչ֊որ զգացված տոնով կիսաձայն ասաց ներս եկած Լեբեդևը և ծանր ու մեծ ողջունեց։ Նա հենց նոր էր վերադարձել և նույնիսկ չէր հասցրել իր տուն մտնել, այնպես որ գլխարկն էլ դեռ բռնել էր ձեռքին։ Նրա դեմքը մաահոգ էր և սեփական արժանապատվության առանձնահատուկ, արտասովոր արաահայտության երանգ ուներ։ Իշխանը նրան հրավիրեց նստելու։
 +
 +
— Դուք ինձ երկու անգամ հարցրե՞լ եք։ Գուցե շարունակ անհանգստանում եք երեկվա դեպքի՞ համար...
 +
 +
— Դուք ենթադրում եք, թե երեկվա այդ տղայի համա՞ր, իշխան։ Օ ոչ, երեկ իմ մտքերն անկարգ վիճակում էին... բայց այսօր արդեն ես մտադիր չեմ թեկուզ որևէ հարցում կոնտրկարեի<ref>Կոնտրկարե (ֆրանս. contrecarrer-ից) — վիճարկել։
 +
</ref> ենթարկել ձեր ենթադրությունները։
 +
 +
— Կոնտրկա... ինչպես ասացի՞ք։
 +
 +
— Ես ասացի կոնտրկարե, ֆրանսերեն բառ է, ինչպես բազմաթիվ այլ բառեր, որ մտել են ռուսաց լեզվի կազմի մեջ. բայց առանձնապես թեր չեմ դրան։
 +
 +
— Այդ ի՞նչ այսօր այդպես լուրջ ու վայելուչ եք, Լեբեդև, և խոսում եք կարծես հեգելով,— քմծիծաղ տվեց իշխանը։
 +
 +
— Նիկոլայ Արդալիոնովիչ,— գրեթե խանդակաթ ձայնով դիմեց Լեբեդևը Կոլյային,— հայտնելիք ունենալով իշխանին մի գործի մասին, որն իսկապես ասած վերաբերում է...
 +
 +
— Դե լավ, հասկանալի է, հասկանալի է, իմ գործը չէ։ Ցտեսություն, իշխան,— անմիջապես հեռացավ Կոլյան...
 +
 +
— Սիրում եմ երեխային խելամտության համար,— արտասանեց Լեբեդևը, նայելով նրա հետևից,— ժիր տղա է, թեև պնդերես։ Արտակարգ դժբախտություն ապրեցի ես, մեծարգո իշխան, իրեկ երեկոյան կամ այսօր լուսադեմին... դեռ տատանվում եմ ստույգ ժամանակը նշելու։
 +
 +
— Ի՞նչ է պատահել։
 +
 +
— Չորս հարյուր ռուբլու կորուստ կողքի գրպանիցս, մեծարգո իշխան, կնքե՜լ են,— ավելացրեց Լեբեդևը թթու քմծիծաղով։
 +
 +
— Դուք չորս հարյուր ռուբլի՞ եք կորցրել։ Ափսոս։
 +
 +
— Եվ հատկապես աղքատ, իր աշխատանքով ապրող մարդու համար։
 +
 +
— Իհարկե, իհարկե. այդ ինչպե՞ս։
 +
 +
— Գինու հետևանքով։ Ես ձեզ մոտ, ինչպես նախախնամության մոտ եմ եկել, մեծարգո իշխան։ Չորս հարյուր ռուբլու գումարը արծաթով ես երեկ կեսօրվա ժամը հինգին ստացա մի պարտապանից և գնացքով վերադարձա այստեղ։ Դրամպանակս գրպանումս էր։ Վիցմունդիրիս փոխարեն սերթուկս հագնելով, փողը դրի սերթուկիս գրպանը, նկատի ունենալով դրամը մոտս պահել, հույս ունենալով հենց երեկոյան դրանք տալ մի խնդրարկուի... սպասելով հավատարմատարին։
 +
 +
— Ի դեպ, Լուկիան Տիմոֆեիչ, ճի՞շտ է, որ դուք լրագրերում հայտարարություն եք տվել, որ ոսկե ու արծաթե իրերի գրավի դիմաց փող եք տալիս։
 +
 +
— Հավատարմատարի միջոցով. հասցեի տակ իմ սեփական անունը չի նշված։ Ունենալով չնչին կապիտալ և ընտանիքի աճը նկատի ունենալով, ինքներդ համաձայնեցեք, որ ազնիվ տոկոսը...
 +
 +
— Դե, այո, այո. ես միայն իմանալու համար, ներեցեք, որ ընդհատեցի։
 +
 +
— Հավատարմատարը չներկայացավ։ Այդ միջոցին բերին դժբախտին, ես արդեն բարձր տրամադրության մեջ էի, ճաշելուց հետո. եկան այդ հյուրերը, խմեցինք... թեյ, և... տրամադրությունս բարձրացավ ի կործանում իմ։ Իսկ երբ, արդեն ուշ, եկավ այդ Կելլերը և ազդարարեց ձեր հանդիսավոր օրվա և շամպայնի վերաբերյալ արած կարգադրության մասին, ապա ես, թանկագին և մեծարգո իշխան, ունենալով սիրտ (որ դուք, հավանաբար, արդեն նկատել եք, որովհետև ես արժանի եմ), ունենալով, չէի ասի զգայուն, բայց շնորհակալ սիրտ, որով և հպարտանում եմ, ես, պատրաստվող հանդիպման առավել հանդիսավորության համար և ձեզ անձամբ շնորհավորելու սպասումով, մտածեցի գնալ իմ հին ցնցոտին փոխել վերադարձիցս հետո հանած վիցմունդիրովս, որը և իրագործեցի, ինչպես, հավանաբար, իշխան, դուք նկատեցիք, ամբողջ երեկոն ինձ տեսնելով վիցմունդիր հագած։ Հագուստս փոխելով, ես սերթուկիս գրպանում մոռացա դրամապանակս... Իսկապես, երբ աստված կանխատեսում է պատժել, ապա ամենից առաջ խլում է խելքը։ Եվ միայն այսօր, արդեն ժամը ութի կեսին. արթնանալով, գժի պես վեր թռա, առաջին հերթին ձեռքս առա սերթուկս՝ լոկ դատարկ դրպան։ Դրամապանակիս հետքն իսկ չքացել էր։
 +
 +
— Ախ, դա տհա՜ճ է։
 +
 +
— Այդ է որ տհաճ է. և դուք իսկական տակտով հիմա գտաք պատշաճ արտահայտությունը,— ոչ առանց նենգության ավելացրեց Լեբեդևը։
 +
 +
— Բայը այդ ինչպես...— անհանգստացավ իշխանը, խորամուխ լինելով,— ախր դա լուրջ բան է։
 +
 +
— Այդ է որ լուրջ բան է,— ձեր կողմից գտնված ևս մի ուրիշ բառ, իշխան, բնորոշելու համար...
 +
 +
— Ախ, հերիք է, Լուկիան Տիմոֆեիչ, այստեղ գտնելու ի՞նչ կա։ Կարևորը բառերը չեն... ենթադրում եք, որ հարբած վիճակում կարող էիք գցա՞ծ լինել գրպանից։
 +
 +
— Կարող էի։ Ամեն ինչ հնարավոր է հարբած վիճակում, ինչպես դուք անկեղծորեն արտահայտվեցիք , մեծարգո իշխան։ Բայց խնդրում եմ դատեք, եթե ես գրպանից թափ եմ տվել դրամապանակը, ապա թափ տված իրը պետք է ընկած լիներ հենց այդտեղ, հատակին։ Իսկ ո՞ւր է այդ իրը։
 +
 +
— Արդյոք որևէ տեղ չե՞ք դրել, սեղանի արկղը։
 +
 +
— Ամեն տեղ որոնել եմ, ամեն ինչ տակնուվրա արել, առավել ևս, որ ոչ մի տեղ չեմ պահել և ոչ մի արկղ բաց չեմ արել, որը պարզ հիշում եմ։
 +
 +
— Պահարանիկում նայե՞լ եք։
 +
 +
— Առաջին հերթին, և նույնիսկ այսօր արդեն մի քանի անգամ... և ինչպե՞ս կարող էի պահարանիկում դնել, անկեղծորե՛ն հարգելի իշխան։
 +
 +
— Խոստովանում եմ, Լեբեդև, դա ինձ անհանգստացնում է։ Նշանակում է, որևէ մեկը գտե՞լ է հատակին։
 +
 +
— Կամ հափշտակել է գրպանիցս։ Երկու ալտերնատիվ։
 +
 +
— Դա ինձ շատ է անհանգստացնում, որովհետև ո՞վ պիտի լինի... ահա հարցը։
 +
 +
— Առանց մի կասկածի, դա է գլխավոր հարցը, դուք զարմանալի ճիշտ եք գտնում բառերն ու մտքերը և որոշում եք իրավիճակները, ամենապայծառափայլ իշխան։
 +
 +
— Ախ, Լուկիան Տիմոֆեիչ, թողեք ծաղրանքները, այստեղ...
 +
 +
— Ծաղրանքնե՜րը,— գոչեց Լեբեդևը ձեռքերը իրար խփելով։
 +
 +
— Դե-դե-դե, լավ, չէ՞ որ ես չեմ բարկանում, այստեղ բոլորովին այլ բան է... Ես մարդկանց համար եմ վախենում։ Դուք ո՞ւմ եք կասկածում։
 +
 +
— Ամենադժվար և... ամենաբա՜րդ հարց։ Աղախնին կասկածել չեմ կարող, նա նստած էր իր խոհանոցում։ Հարազատ երեխաներիս՝ նույնպես...
 +
 +
— Այդ էր պակաս։
 +
 +
— Նշանակում է հյուրերից որևէ մեկն է։
 +
 +
— Բայց մի՞թե դա հնարավոր է։
 +
 +
— Բոլորովին և վերին աստիճանի անհնար է, բայց անպայման այդպես պետք է լինի։ Համաձայն եմ, սակայն, ենթադրել, և նույնիսկ համոզված եմ, որ եթե գողություն է եղել, ապա կատարվել է ոչ թե երեկոյան, երբ բոլորը հավաքված էին, այլ արդեն գիշերը կամ նույնիսկ առավոտյան կողմ, գիշերածներից մեկնումեկի կողմից։
 +
 +
— Ախ, աստվա՜ծ իմ։
 +
 +
— Բուրդովսկուն և Նիկոլայ Արդալիոնովիչին ես, բնականաբար, բացառում եմ, նրանք նույնիսկ չեն մտել իմ սենյակը։
 +
 +
— Այդ էր պակաս, եթե նույնիսկ մտած լինեին։ Ո՞վ է գիշերել ձեզ մոտ։
 +
 +
— Ինձ էլ հետները հաշված, գիշերել ենք չորս հոգի, երկու կից սենյակներում, ես, գեներալը, Կելլերը և պարոն Ֆերդիշչենկոն։ Նշանակում է, մեր չորսից մեկն է։
 +
 +
— Այսինքն՝ երեքից, բայց ո՞վ է։
 +
 +
— Ես ինձ էլ հաշվեցի արդարության և կարգի ու կանոնի համար. բայց համաձայնեցեք, իշխան, որ ես ինքս ինձնից գողանալ չէի կարող, թեև աշխարհում եղել են այդպիսի դեպքեր...
 +
 +
— Ախ, Լեբեդև, ինչ ձանձրալի է սա,— անհամբեր գոչեց իշխանը,— գործին անցեք, ի՞նչ եք ձգձգում...
 +
 +
— Նշանակում է, մնում են երեքը, և նախ և առաջ պարոն Կելլերը, անկայուն մարդ, հարբած մարդ և որոշ դեպքերում լիբերալ, այսինքն՝ գրպանի վերաբերյալ, իսկ մնացյալում, ավելի, այսպես ասած, հին ասպետական, քան թե լիբերալ հակումներով։ Նա սկզբում գիշերեց այստեղ, հիվանդի սենյակում, և հետո միայն գիշերը տեղափոխվեց մեզ մոտ այն պատրվակով, որ մերկ հատակը չոր է քնելու համար։
 +
 +
— Դուք նրա՞ն եք կասկածում։
 +
 +
— Կասկածում էի։ Երբ առավոտյան ժամը ութին գժի պես վեր թռա և ձեռքով ճակատիս խփեցի, ապա անմիջապես արթնացրի գեներալին, որը քնած էր անմեղության քնով։ Հաշվի առնելով Ֆերդիշչենկոյի տարօրինակ անհայտացումը, որը արդեն ինքնին մեր մեջ կասկած հարուցեց, մենք երկուսս էլ անմիջապես վճռեցինք խուզարկել Կելլերին, որը պառկել էր ինչպես... ինչպես... համարյա մեխի պես։ Խուզարկեցինք լիովին. գրպաններում ոչ մի սանտիմ և նույնիսկ ոչ մի գրպան չգտնվեց, որ ծակ չլիներ։ Մի քթի թաշկինակ կապույտ, վանդակավոր, բամբակե, անվայելուչ վիճակում։ Այնուհետև մի սիրային տոմսակ ինչ-որ աղախնուց, փողի պահանջով և սպառնալիքներով և ձեզ ծանոթ ֆելիետոնի պատառները։ Գեներալը վճռեց, որ անմեղ է։ Լիակատար տեղեկությունների համար մենք նրան արթնացրինք, բոթբթելով հոգիներս դուրս եկավ. հազիվ հասկացավ, թե բանն ինչ է. բերանը բաց է արել, տեսքը հարբած է, դեմքի արտահայտությունն անհեթեթ ու անմեղ, նույնիսկ հիմար, նա չէ։
 +
 +
— Դե, որքան ուրախ եմ,— ուրախացած շունչ քաշեց իշխանը,— ես նրանից էի վախենում։
 +
 +
— Վախենո՞ւմ էիք։ Նշանակում է, արդեն հի՞մք ունեիք դրա համար,— աչքերը կկոցեց Լեբեդևը։
 +
 +
— Օ ոչ, ես այնպես,— դեմ առավ իշխանը,— ես շատ հիմար ձևով ասացի, թե վախենում էի։ Բարի եղեք, Լեբեդև, ոչ ոքի չասեք...
 +
 +
— Իշխա՜ն, իշխա՜ն։ Ձեր խոսքերը իմ սրտումն են... Իմ սրտի խորքում։ Այնտեղ շիրիմ է...— ոգևորված ասաց Լեբեդևը, գլխարկը սրտին սեղմելով։
 +
 +
— Լավ, լավ... նշանակում է, Ֆերդիշչենկո՞ն է։ Այսինքն, ես ուզում եմ ասել, դուք Ֆերդիշչենկոյի՞ն եք կասկածում։
 +
 +
— Հապա էլ ո՞ւմ,— կամացուկ արտասանեց Լեբեդևը, ուշադիր նայելով իշխանին։
 +
 +
— Դե հա, հասկանալի է... հապա էլ ո՞ւմ... այսինքն, դարձյալ, ի՞նչ հանցանշաններ կան։
 +
 +
— Հանցանշաններ կան։ Նախ և առաջ առավոտյան ժամը յոթին կամ յոթից էլ առաջ անհայտանալը։
 +
 +
— Գիտեմ, Կոլյան ինձ ասաց, որ նա գնացել էր նրա մոտ և ասել, որ գնում է գիշերը լուսացնելու... մոռացա, թե ում մոտ, իր բարեկամի մոտ։
 +
 +
— Վիլկինի։ Նշանակում է, Նիկոլայ Արդալիոնովիչն արդեն ձեզ ասե՞լ է։
 +
 +
— Նա գողության մասին ոչինչ չի ասել։
 +
 +
— Նա չգիտի էլ, որովհետև ես առայժմ գործը գաղտնի եմ պահում։ Այդպես ուրեմն, գնում է Վիլկինի մոտ. թվում է, ի՞նչ զարմանալի բան կա, որ հարբած մարդը գնում է իր նման մի հարբածի մոտ, թեկուզև լույսը նոր բացված և առանց որևէ պատճառի։ Բայց ահա հենց այստեղ բացվում է հետքը. այստեղից գնալով, նա թողնում է հասցեն... Հիմա հետևեցեք, իշխան, հարց է առաջանում. նա ինչո՞ւ թողեց հասցեն... Ինչո՞ւ նա հատկապես անցնում է Նիկոլայ Արդալիոնովիչի մոտ, պտույտ է անում, և նրան հայտնում է, որ «իբր, գնում է Վիլկինի մոտ գիշերը այնտեղ լուսացնելու»։ Եվ ո՞վ պիտի հետաքրքրվի դրանով, որ նա գնում է և նույնիսկ հենց Վիլկինի մոտ։ Ի՞նչ կարիք կա հայտարարելու։ Չէ, այստեղ նրբություն կա, գողի նրբություն։ Դա նշանակում է. «Ահա, իբր, դիտմամբ չեմ թաքցնում հետքերս, դրանից հետո ես ի՞նչ գող եմ։ Մի՞թե գողը կհայտարարեր, թե ուր է գնում»։ Կասկածներն իրենից վանելու և, այսպես ասած, ավազի վրայից իր հետքերը ջնջելու ավելորդ հոգատարություն... Ինձ հասկացա՞ք, մեծարգո իշխան։
 +
 +
— Հասկացա, շատ լավ հասկացա, բայց չէ՞ որ դա քիչ է։
 +
 +
— Երկրորդ հանցանշանը, հետքը կեղծ է դուրս գալիս, իսկ տված հասցեն՝ ոչ ճիշտ։ Մի ժամ անց, այսինքն՝ ժամը ութին ես արդեն բախում էի Վիլկինի դուռը. նա այստեղ, հինգերորդ փողոցում է, և նույնիսկ ծանոթ է։ Ոչ մի Ֆերդիշչենկո չկար։ Չնայած բոլորովին խուլ աղախնից կարողացա իմանալ, որ մի ժամ առաջ իրոք մեկը դուռը բախել է և նույնիսկ բավական ուժեղ, այնպես որ նույնիսկ գանգն է պոկվել։ Բայց աղախինը բաց չի արել, չուզենալով արթնացնել պարոն Վիլկինին, իսկ գուցե և ինքն էլ չուզենալով տեղից վեր կենալ։ Այդպես լինում է։
 +
 +
— Եվ դրա՞նք են ձեր բոլոր հանցանշանները։ Դա քիչ է։
 +
 +
— Իշխան, բայց էլ ո՞ւմ կասկածեմ, դատեցեք,— սրտաշարժված եղրափակեց Լեբեդևը, և ինչ-որ խորամանկ բան փայլատակեց նրա ծաղրի մեջ։
 +
 +
— Մի անգամ էլ փնտրեիք սենյակներում և արկղներում,— մտահոգված արտասանեց իշխանը մի փոքր մտածմունքից հետո։
 +
 +
— Փնտրել եմ,— ավելի ևս սրտաշարժված հոգոց հանեց Լեբեդևը։
 +
 +
— Հըմ... և ինչո՞ւ, ինչո՞ւ փոխեցիք ձեր սերթուկը,— բացականչեց իշխանը, զայրացած թխկացնելով սեղանին։
 +
 +
— Հարց՝ մի հինավուրց կոմեդիայից։ Բայց, ամենաբարեհոգի իշխան։ Դուք արգեն ձեր սրտին շատ մոտիկ եք ընդունում իմ դժբախտությունը։ Ես դրան արժանի չեմ։ Այսինքն՝ միայն ես արժանի չեմ։ Բայց դուք տանջվում եք նաև հանցագործի համար... աննշան պարոն Ֆերդիշչենկոյի համար։
 +
 +
— Դե այո, այո, դուք իրոք ինձ մտահոգեցիք,— մտացրիվ ու գժգոհ նրա խոսքը կտրեց իշխանը։— Այսպես, ուրեմն, ի՞նչ եք մտադիր անել... եթե այդպես համոզված եք, որ Ֆերդիշչենկոն է։
 +
 +
— Իշխան, մեծարգո իշխան, ուրիշ էլ ո՞վ,— աճող խանդաղատանքով կուչուձիգ էր անում Լեբեդևը,— չէ՞ որ մի ուրիշի չլինելու հանգամանքը, որին կարելի լիներ կասկածել և, այսպես ասած, բացի պարոն Ֆերդիշչենկոյից, ուրիշ որևէ մեկին կասկածելու լիակատար անհնարինությունը, չէ՞ որ սա էլ, այսպես ասած, մի հանցանշան է պարոն Ֆերդիշչենկոյի դեմ, արդեն երրորդ հանցանշանը։ Որովհետև, դարձյալ՝ հապա էլ ո՞վ։ Հո պարոն Բուրդովսկուն չե՞մ կասկածելու, հի՜-հի՜-հի՜։
 +
 +
— Դե, ի՞նչ դատարկ բան։
 +
 +
— Վերջապես հո գեներալին չե՞մ կասկածելու, հի՛-հի՛-հի՛։
 +
 +
— Ի՞նչ անհեթեթ բան,— գրեթե բարկացած ասաց իշխանը, անհամբեր շրջվելով տեղում։
 +
 +
— Իհարկե անհեթե՜թ բան։ Հի՜-հի՜-հի՜։ Եվ այ թե ծիծաղս բերեց մարդը, այսինքն՝ գեներալը։ Նրա հետ քիչ առաջ թարմ հետքերով գնում ենք Վիլկինի մոտ... իսկ պետք է ձեզ ասեմ, որ գեներալն ինձնից ավելի էր ապշած, երբ ես կորուստից հետո առաջին հերթին նրան արթնացրի, նույնիսկ այնպես, որ դեմքն այլայլվեց, կարմրեց, գունատվեց և, վերջապես, հանկարծ այնպիսի դաժան ու ազնիվ զայրույթով բռնկվեց, որ ես նույնիսկ չէի սպասում այդ աստիճան։ Ազնվագո՜ւյն մարդ է։ Նա անընդհատ ստում է, թուլությունից, բայց բարձրագույն զգացմունքների տեր մարդ է, ընդսմին սակավամիտ մարդ է, իր անմեղությամբ լիակատար վստահություն ներշնչող մարդ։ Ես ձեզ արդեն ասել եմ, մեծարգո իշխան, որ ոչ միայն թուլություն ունեմ նրա նկատմամբ, այլ նույնիսկ սեր եմ տածում։ Հանկարծ կանգ է առնում փողոցի մեջտեղում, արձակում է սերթուկը, կուրծքը բաց անում, «Խաղարկիր ինձ, ասում է, դու Կելլերին խուզարկեցիր, ինչո՞ւ ինձ չես խուզարկում։ Այդ է պահանջում, ասում է, արդարությունը»։ Ձեռքերն ու ոտքերը դողում են, նույնիսկ բոլորովին գույնը գցեց, այնպես ահեղ տեսք ունի։ Ես ծիծաղեցի և ասում եմ. «Լսիր, ասում եմ, գեներալ, եթե մեկ ուրիշն ասեր ինձ քո մասին, ես տեղնուտեղը սեփական ձեոքերով գլուխս կկտրեի, կդնեի մի մեծ սկուտեղի վրա և անձամբ, սկուտեղի վրա կմատուցեի բոլոր կասկածողներին. «Ահա, իբր, տեսնո՞ւմ եք այս գլուխը, ահա ուրեմն այս սեփական գլխովս կերաշխավորեմ նրա համար, և ոչ միայն գլուխս կկտրեմ, այլ նույնիսկ կրակը կնետվեմ»։ Ահա, ասում եմ, ինչպես եմ պատրաստ երաշխավորել քեզ համար»։ Այստեղ նա նետվեց իմ գիրկը, բոլորը փողոցի մեջտեղում, լացակումեց, դողում է, և այնպես ամուր սեղմեց իր կրծքին, որ նույնիսկ հազիվ շունչս ետ բերի. «Դու, ասում է, միակ բարեկամն ես, որ մնացել ես ինձ դժբախտություններիս մեջ»։ Զգայո՜ւն մարդ է։ Դե, հասկանալի է, հենց այդտեղ ճանապարհին ի դեպ մի անեկդոտ պատմեց այն մասին, թե իբր նրան էլ մի անգամ դեռ երիտասարդ, ժամանակ կասկածել են հինգ հարյուր հազար ռուբլու գողության մեջ, բայց որ նա հաջորդ իսկ օրը նետվել է վառվող տան բոցերի մեջ և կրակից դուրս է բերել իրեն կասկածող կոմսին և Նինա Ալեքսանդրովնային, որը դեռ օրիորդ էր։ Իշխանը գրկել է Իվոլգինին, և այդպիսով կայացել է նրա ամուսնությունը Նինա Ալեքսանդրովնայի հետ, իսկ հենց հաջորդ օրը հրդեհի փլատակներում գտել են և կորած փողերով արկղիկը. արկղիկը երկաթե էր, անգլիական կառուցվածքի, գաղտնի փականքով, և ինչ-որ ձևով հատակի տակն է գլորվել, այնպես որ ոչ ոք չի նկատել, և միայն այդ հրդեհի շնորհիվ է գտնվել։ Կատարյա՜լ սուտ։ Բայց երբ սկսեց Նինա Ալեքսանդրովնայի մասին խոսել, նույնիսկ թնկթնկաց։ Ազնվագույն անձնավորություն է Նինա Ալեքսանդրովնան, թեպետև բարկացած է ինձ վրա։
 +
 +
— Դուք ծանոթ չե՞ք։
 +
 +
— Համարյա թե ոչ, բայց ամբողջ հոգով կցանկանայի, թեկուզ միայն նրա համար, որ արդարանայի նրա առաջ։ Նինա Ալեքսանդրովնան ինձնից նեղացած է, որ իբր թե հիմա ես հարբեցողությամբ այլասերում եմ նրա ամուսնուն։ Բայց ես ոչ միայն չեմ այլասերում, այլ ավելի շուտ զսպում եմ նրան, ես նրան, կարող է պատահել, հեռու եմ պահում ամենակործանարար կամպանիայից։ Ըստ որում նա իմ բարեկամն է, և, խոստովանում եմ, հիմա արդեն չեմ լքի նրան, այսինքն՝ նույնիսկ առանց այդ էլ, ուր որ նա է գնում, ես էլ այնտեղ, որովհետև նրան միայն զգայնությամբ կարող ես հաղթել։ Հիմա նա նույնիսկ բոլորովին չի գնում իր կապիտանուհու մոտ, թեկուզև թաքուն ձգտում է դեպի նա, հատկապես ամեն առավոտ, երբ վեր է կենում և սապոգներն է հագնում, չգիտեմ թե ինչու հատկապես այդ ժամանակ։ Նա փող չունի, իսկ այդ կնոջ մոտ առանց փողի ոչ մի կերպ չի կարելի։ Նա ձեզնից փող չի՞ խնդրել, մեծարգո իշխան։
 +
 +
— Ոչ, չի խնդրել։
 +
 +
— Ամաչում է։ Նա մտադիր էլ էր. նույնիսկ ինձ խոստովանեց, որ ուզում է ձեզ անհանգստացնել, բայց ամաչկոտ է, որովհետև դուք դեռ նորերս էիք նրան փող տվել, և բացի այդ, ենթադրում է, որ չեք տա. նա, ինչպես բարեկամի, իմ առաջ սիրտը բացեց։
 +
 +
— Իսկ դուք նրան փող չե՞ք տալիս։
 +
 +
— Իշխա՜ն։ Մեծարգո իշխան։ Ոչ միայն փող, այլ այդ մարդու համար ես, այսպես ասած, նույնիսկ կյանքս... ասենք, ոչ, չեմ ուզում չափազանցնել, կյանքս չէ, բայց եթե, այսպես ասած, տենդ, մի որևէ պալար կամ նույնիսկ հազ լինի, աստված վկա, պատրաստ եմ տանել, եթե միայն շատ մեծ կարիք լինի, որովհետև նրան համարում եմ մեծ, բայց կորա՜ծ մարդ։ Ահա՛. ոչ միայն փող։
 +
 +
— Նշանակում է, փող տալի՞ս եք։
 +
 +
— Ո-ոչ. ես փող չեմ տվել և նա ինքն էլ գիտի, որ չեմ տա, բայց չէ՞ որ միմիայն նրան զսպելու և ուղղելու նպատակով։ Հիմա ինձ պոչ է եղել, որ հետս գա Պետերբուրգ. ախր ես Պետերբուրգ գնում եմ, որպեսզի պարոն Ֆերդիշչենկոյին գտնեմ ամենաթարմ հետքերով, որովհետև հաստատ գիտեմ, որ նա արդեն այնտեղ է։ Իմ գեներալն ուղղակի եռ է գալիս, բայց կասկածում եմ, որ Պետերբուրգում ինձնից կծլկի, որպեսզի այցելի կապիտանի այրուն։ Խոստովանում եմ, նույնիսկ դիտմամբ նրան մոտիցս բաց կթողնեմ, ինչպես և արդեն պայմանավորվել ենք տեղ հասնելուն պես իսկույն բաժանվել տարբեր կողմեր, որպեսզի ավելի հարմար որսանք պարոն Ֆերդիշչենկոյին։ Ահա, ուրեմն, նրան բաց կթողնեմ, իսկ հետո հանկարծ, անսպասելի, նրան կբռնեմ կապիտանի այրու մոտ, իսկապես ասած, նրան ամաչեցնելու համար, որպես ընտանիքավոր մարդու և որպես մարդու առհասարակ ասած։
 +
 +
— Միայն թե աղմուկ չանեք, Լեբեդև, ի սեր աստծու, աղմուկ չանեք,— կիսաձայն և սաստիկ անհանգտությամբ ասաց իշխանը։
 +
 +
— Օ, ոչ, իսկապես ասած, միայն ամաչեցնելու և տեսնելու համար, թե ինչ դեմք ցույց կտա, որովհետև դեմքից շատ բան կարելի է եզրակացնել, մեծարգո իշխան, և հատկապես այդպիսի մարդու դեմքից։ Ախ, իշխան, թեև մեծ է իմ սեփական դժբախտությունը, բայց նույնիսկ հիմա չեմ կարող չմտածել նրա մասին և նրա բարոյականությունն ուղղելու մասին։ Մի մեծ խնդիրք ունեմ ձեզ, մեծարդո իշխան, նույնիսկ, խոստովանում եմ, ճիշտն ասած, հենց դրա համար էլ եկել եմ. նրա տան հետ դուք արդեն ծանոթ եք և նույնիսկ ապրել եք նրանց մոտ. ուստի եթե դուք, ամենաբարեհոգի իշխան, վճռեիք դրանում ինծ օժանդակել, իսկապես ասած, միմիայն գեներալի համար և նրա երջանկության համար...
 +
 +
Լեբեդևը նույնիսկ ձեռքերը միացրեց, ասես աղերսելով։
 +
 +
— Իսկ ի՞նչ է։ Ի՞նչ ձևով օժանդակեմ։ Համոզված եղեք, որ ես շատ եմ ուզում ձեզ լիովին հասկանալ, Լեբեդև։
 +
 +
— Միմիայն այդ համոզմամբ էլ ներկայացա ձեզ մոտ։ Նինա Ալեքսանդրովնայի միջոցով կարելի կլիներ ներգործել, շարունակ դիտելով ու, այսպես ասած, հետևելով նորին գերազանցությանը, նրա սեփական ընտանիքի ընդերքում։ Ես, դժբախտաբար, ծանոթ չեմ... ընդսմին այստեղ հավանաբար կարող էր օգնել նաև Նիկոլայ Արդալիոնովիչը, որը ձեզ պաշտում է, այսպես ասած, իր մատաղ հոգու ամբողջ ընդերքով...
 +
 +
— Ո-ոչ... Նինա Ալեքսանդրովնային խառնել այդ գործին... աստված մի արասցե՜։ Եվ Կոլյային էլ... ասենք, գուցե ես դեռ չեմ էլ հասկանում ձեզ, Լեբեդև։
 +
 +
— Դե այստեղ իսկի հասկանալու բան էլ չկա,— աթոռի վրա նույնիսկ վեր թռավ Լեբեդևը։ Միայն, միայն զգայնություն ու քնքշություն, ահա ամբողջ դեղը մեր հիվանդի համար։ Դուք, իշխան, ինձ թույլ տալի՞ս եք նրան հիվանդ համարել։
 +
 +
— Դա նույնիսկ ցույց է տալիս ձեր նրբավարությունն ու խելքը։
 +
 +
— Ձեզ բացատրեմ օրինակով, որ պարզության համար վերցված է պրակտիկայից։ Տեսնո՞ւմ եք, դա ինչպիսի մարդ է. նա հիմա այստեղ մի թուլություն ունի դեպի այդ կապիտանի այրին, որի մոտ չի կարող ներկայանալ առանց փողի և որի մոտ ես այսօր մտադիր եմ բռնել նրան, նրա իսկ երջանկության համար, բայց ենթադրենք, որ միայն կապիտանի այրին չլիներ, այլ նա նույնիսկ իսկական հանցանք գործեր, դե, ասենք մի որևէ ամենաանազնիվ զանցանք (թեև նա լիովին անընդունակ է դրան), ապա այն ժամանակ էլ, ասում եմ, նրա հետ միմիայն, այսպես ասած, ազնիվ քնքշությամբ ամեն ինչի կհասնես, որովհետև շատ զգայուն մարդ է։ Հավատացեք, որ հինգ օր էլ չի դիմանա, ինքը խոսք կթռցնի, լաց կլինի և ամեն ինչ կխոստովանի, և հատկապես, եթե գործելու լինենք ճարպիկ ու ազնիվ, ընտանիքի և ձեր հսկողության միջոցով, նրա բոլոր, այսպես ասած, գծերի ու քայլերի վրա... օ, ամենաբարեհոգի իշխան,— վեր թռավ Լեբեդևը, նույնիսկ մի տեսակ ոգևորությամբ,— ես ախր չեմ էլ պնդում, որ նա հավանաբար... Ես, այսպես ասած, պատրաստ եմ թեկուզ հիմա ամբողջ արյունս հեղել նրա համար, թեև համաձայնեցեք, որ անզսպությունն ու հարբեցողությունը, և կապիտանի այրին, և այդ բոլորը միասին վերցըրած կարող են ամեն ինչի հասցնել։
 +
 +
— Այդպիսի նպատակի ես, իհարկե, միշտ պատրաստ եմ օժանդակելու,— ասաց իշխանը, վեր կենալով- միայն խոստովանում եմ ձեզ, Լեբեդև, ես սարսափելի անհանգստացած եմ. ասացեք, չէ՞ որ դուք դեռևս... մի խոսքով, դուք ինքներդ եք ասում, որ կասկածում եք պարոն Ֆերդիշչենկոյին։
 +
 +
— Հապա էլ ո՞ւմ, հապա էլ ո՞ւմ, ամենաանկեղծ իշխան,— նորից սրտառուչ ձեռները կրծքին սեղմեց Լեբեդևը, գորովալից ժպտալով։
 +
 +
Իշխանը խոժոռվեց և տեղից վեր կացավ։
 +
 +
— Գիտե՞ք ինչ, Լուկյան Տիմոֆեիչ, այստեղ սարսափելի բան է սխալվելը։ Այդ Ֆերդիշչենկոն... Ես չէի ուզենա նրա մասին վատ բան ասել... Բայց այդ Ֆերդիշչենկոն... այսինքն՝ ո՞վ գիտե, կարող է պատահել, որ նա է... Ես ուզում եմ ասել, որ, գուցե, նա իսկապես էլ ավելի է ընդունակ դրան, քան... քան թե մեկ ուրիշը։
 +
 +
Լեբեդևը սրեց աչքերն ու ականջները։
 +
 +
— Գիտե՞ք ինչ,— ավելի ու ավելի էր խճճվում և խոժոռվում իշխանը, սենյակում անցուդարձ անելով և աշխատելով չնայել Լեբեդևին,— ինձ հայտնեցին... ինձ ասացին պարոն Ֆերդիշչենկոյի մասին, որ իբր թե, բացի ամեն ինչից, այնպիսի մարդ է, որի ներկայությամբ պետք է խուսափել և ոչ մի... ավելորդ բան չասել, հասկանո՞ւմ եք։ Ես նրա համար եմ ասում, որ գուցե իսկապես էլ նա ավելի ընդունակ է, քան մեկ ուրիշը... որպեսզի չսխալվեմ, ահա թե ինչն է գլխավորը, հասկանո՞ւմ եք։
 +
 +
— Իսկ դա ձեզ ո՞վ է հայտնել պարոն Ֆերդիշչենկոյի մասին,— ուղղակի վրա ընկավ Լեբեդևը։
 +
 +
— Այնպես, ինձ կամացուկ ասացին։ Ասենք, ես ինքս դրան չեմ հավատում... Ես շատ ափսոսում եմ, որ ստիպված եղա սա հայտնել, հավատացնում եմ ձեզ, ես ինքս էլ դրան չեմ հավատում... դա որևէ ցնդաբանություն կլինի... Թո՛ւ, ինչ հիմար բան արեցի ես։
 +
 +
— Գիտե՞ք ինչ, իշխան,— նույնիսկ ամբողջ մարմնով դողալ սկսեց Լեբեդևը,— դա կարևոր է, դա հիմա չափազանց կարևոր է, այսինքն՝ ոչ թե պարոն Ֆերդիշչենկոյի վերաբերյալ, այլ այն բանի, թե ձեզ ինչպես է հասել այդ լուրը։ (Այդ ասելիս Լեբեդևը իշխանի հետևից ետ ու առաջ էր վազում, ջանալով նրան համընթաց քայլել)։ Ահա թե ես էլ հիմա ինչ կհայտնեմ, իշխան, քիչ առաջ գեներալը, երբ նրա հետ գնում էի այդ Վիլկինի մոտ, նրանից հետո, երբ ինձ պատմեց հրդեհի մասին և, հասկանալի է, զայրույթից եռալով, հանկարծ սկսեց ինձ ակնարկել նույն բանը պարոն Ֆերդիշչենկոյի մասին, բայց այնպես անկապ ու կցկտուր, որ ես ակամա նրան մի քանի հարց տվի և դրա հետևանքով լիովին համոզվեցի, որ այդ ամբողջ լուրը լոկ նորին գերազանցության ներշնչանքն է... իսկապես որ, այսպես ասած, լոկ բարեհոգությունից դրդված։ Որովհետև նա սուտն էլ ասում է միմիայն նրա համար, որ չի կարող զսպել խանդաղատանքը։ Հիմա բարեհաճում եք տեսնել, եթե նա սուտ է ասել, իսկ ես դրանում համոզված եմ, ապա ի՞նչ ձևով կարող էիք դուք ևս իմանալ։ Հասկացեք, իշխան, ախր դա նրա մեջ րոպեի ներշնչանք էր, ապա, նշանակում է, ձեզ ո՞վ հայտնեց։ Դա կարևոր է և... այսպես ասած...
 +
 +
— Դա նոր ինձ Կոլյան ասաց, իսկ նրան ասել էր հայրը, որին նա հանդիպել էր ժամը վեցին, վեցից անց, հաշտում, երբ ինչ֊որ բանի համար դուրս էր եկել։
 +
 +
Եվ իշխանը մանրամասն ամեն ինչ պատմեց։
 +
 +
— Դե, ահա, սա հենց կոչվում է հետք,— ձեռները շփելով անձայն ծիծաղում էր Լեբեդևը,— ես այդպես էլ կարծում էի։ Դա նշանակում է, որ նորին գերազանցությունը հատկապես ընդհատել է իր անմեղ քունը ժամը վեցը չեղած, որպեսզի գնա արթնացնի սիրելի որդուն և հայտնի պարոն Ֆերդիշչենկոյի հարևանության արտակարգ վտանգավորությունը։ Դրանից հետո ինչպիսի՜ վտանգավոր մարդ է պարոն Ֆերդիշչենկոն, և ինչպիսի՜ն է նորին գերազանցության ծնողական անհանգստությունը։ Հի՜-հի՜-հի՜։
 +
 +
— Լսեցեք, Լեբեդև,— վերջնականապես շփոթվեց իշխանը,— լսեցեք, գործեցեք կամացուկ։ Աղմուկ մի հանեք։ Ես ձեզ խնդրում եմ, Լեբեդև, ես ձեզ աղաչում եմ... Այդ դեպքում, երդվում եմ, կօժանդակեմ ձեզ, բայց պայմանով, որ ոչ ոք չիմանա, պայմանով, որ ոչ ոք չիմանա։
 +
 +
— Համոզված եղեք, ամենաբարեհոգի, ամենաանկեղծ և ազնվագույն իշխան,— գոչեց Լեբեդևը կատարյալ ոգեշնչմամբ — համողված եղեք, որ ամբողջ սույնը կմեռնի իմ ազնվագույն սրտում։ Կամացուկ քայլերով, միասի՜ն։ Կամացուկ քայլերով, միասի՜ն։ Ախր ես նույնիսկ ամբողջ արյունս... ամենապայծառափայլ իշխան, ես ստոր եմ թե՛ հոգով, թե՛ ոգով, բայց հարցրեք ամեն մի նույնիսկ սրիկայի, ոչ միայն ստոր մարդու. նրա համար ավելի լավ է ո՞ւմ հետ գործ ունենալ, արդյոք իր նման մի սրիկայի, թե ձեզ նման ամենաազնվագույն մարդու հետ, ամենաանկեղծ իշխան։ Նա կպատասխանի, որ ամենաազնվագույն մարդու հետ, և դրանում է առաքինության հաղթանակը։ Ցտեսություն, մեծարգո՜ իշխան։ Կամացուկ քայլերով... կամացուկ քայլերով և... միասին։
 +
 +
=== X ===
 +
 +
Իշխանը վերջապես հասկացավ, թե ինչու էր ամեն անգամ սարսռում, երբ դիպչում էր այդ երեք նամակին, և ինչու մինչև երեկո շարունակ հեռացնում էր դրանք կարդալու րոպեն։ Երբ նա դեռ այն ժամանակ առավոտյան ծանր քնով քնեց իր թախտին, դեռ շարունակ չհամարձակվելով բացել այդ ծրարներից մեկնումեկը, նա նորից ծանր երազ տեսավ, և նորից նրա երազն եկավ միևնույն «ճրագործուհին»։ Նա նորից նայում էր իշխանին երկար արտևանունքների վրա շողացող արցունքներով, նորից նրան կանչում էր իր հետևից, և նորից իշխանը զարթնեց, ինչպես այն ժամանակ, տառապանքով հիշելով նրա դեմքը։ Իշխանն ուզեց նրա մոտ գնալ անմիջապես, բայց չէր կարող, վերջապես, գրեթե հուսահատ, բացեց նամակները և սկսեց կարդալ։
 +
 +
Այդ նամակներն էլ նման էին երազի։ Երբեմն մարդ տարօրինակ, անհնար ու անբնական երազներ է տեսնում. արթնանալով, դրանք պարզ մտաբերում է և զարմանում տարօրինակ փաստի վրա. ամենից առաջ դուք հիշում եք, որ գիտակցությունը ձեզ չէր լքել ձեր երազատեսության ամբողջ ընթացքում. նույնիսկ մտաբերում եք, որ դուք գործում էիք չափազանց խորամանկ ու տրամաբանորեն այդ ամբողջ երկար, երկար ժամանակ, երբ ձեզ շրջապատել էին մարդասպանները, երբ նրանք խորամանկում էին, թաքցնում իրենց մտադրությունը, ձեզ հետ վարվում էին բարեկամաբար, մինչդեռ նրանց մոտ զենքը արդեն պատրաստի վիճակում էր և նրանք սպասում էին լոկ որևէ նշանի. դուք մտաբերում եք, թե վերջապես ինչ խորամանկությամբ նրանց խաբեցիք, թաքնվեցիք նրանցից, հետո դուք գլխի ընկաք, որ նրանք անգիր գիտեն ձեր ամբողջ խաբեությունը, և միայն ձեզ ցույց չեն տալիս, որ գիտեն, թե դուք որտեղ եք թաքնվել, բայց դուք նորից խորամանկեցիք ու խաբեցիք նրանց, այդ բոլորը դուր պարզ մտաբերում եք։ Բայց ինչո՞ւ միևնույն ժամանակ ձեր բանականաթյունը կարող է հաշտվել այդպիսի ակներև անհեթեթությունների ու անհնարինությունների հետ, որոնցով, ի դեպ, լի էր ձեր երազը։ Ձեր մարդասպաններից մեկը ձեր աչքի առաջ դարձավ կին, իսկ կնոջից վերափոխվեց փոքրիկ, խորամանկ, զզվելի գաճաճի, և դուք իսկույն դա հնարավոր համարեցիք, որպես կատարված փաստ, գրեթե առանց նվազագույն տարակուսանքի, և հենց բուն այն ժամանակ, երբ մյուս կողմից ձեր բանականությրւնը ամենասաստիկ լարված վիճակում էր, դրսևորում էր արտասովոր ուժ, խորամանկություն, կռահելու ընդունակություն, տրամաբանություն։ Ինչո՞ւ նաև, քնից արթնանալով ու արդեն լիովին մտնելով իրականություն, գրեթե ամեն անգամ զգում եք, երբեմն էլ նույնիսկ արտասովոր ուժեղ տպավորված, որ քնի հետ մեկտեղ դուք թողնում եք ձեզ համար չպարզաբանված մի բան։ Դուք քմծիծաղում եք ձեր երագի վրա և միևնույն ժամանակ զգում եք, որ այդ անհեթեթությունների միահյուսման մեջ պարունակվում է ինչ֊որ միտք, բայց արդեն իրական միտք, ձեր իրական կյանքին վերաբերող մի բան, մի բան, որ գոյություն ունի և միշտ գոյություն է ունեցել ձեր սրտում. կարծես թե ձեր երազով ձեզ մի նոր, մարգարեական բան է ասվել, որին դուք սպասում էիք. ձեր տպավորությունն ուժեղ է, դա ուրախալի կամ տանջալի է, բայց թե ինչումն է կայանում և ձեզ ինչ է ասված եղել այդ ամենը դուք չեք կարող ոչ հասկանալ, ոչ մտաբերել։
 +
 +
Գրեթե նույն բանն էր և այդ նամակներից հետո։ Բայց դեռ նամակները բաց չարած, իշխանն զգաց, որ դրանց գոյության և հնարավորության փաստն ինքնին արդեն նման է կոշմարի։ Ինչպե՞ս է համարձակվել ''նա'' գրել ''նրան'', հարցնում էր իշխանը, երեկոյան մենակ թափառելով (երբեմն նույնիսկ ինքն էլ չհիշելով, թե որտեղ է շրջում)։ Ինչպե՞ս կարող էր նա գրել ''դրա'' մասին, և ինչպե՞ս կարող էր նրա գլխում այդպիսի խելահեղ ցնորք ծագել։ Բայց այդ ցնորքն արդեն իրականացված էր, և իշխանի համար ամենազարմանալին այն էր, որ մինչև ինքը կարդում էր այդ նամակները, նա ինքը գրեթե հավատում էր այդ ցնորքի հնարավորությանը և նույնիսկ արդարացմանը։ Այո, իհարկե, դա երազ էր, կոշմար և խելահեղություն. բայց հենց այդտեղ էլ պարունակվում էր մի այնպիսի բան, որը տանջալիորեն իրական էր և տառապալից-արդարացի, որն արդարացնում էր և՛ երազը, և՛ կոշմարը, և՛ խելահեղությունը։ Մի քանի ժամ իրար վրա իշխանը կարծես զառանցում էր այն, ինչ կարդացել էր, րոպեն մեկ հատվածներ էր մտաբերում, կանգ էր առնում դրանց վրա, խորամուխ էր լինում դրանց մեջ։ Երբեմն նույնիսկ ուզում էր ինքն իրեն ասել, որ այդ ամենը ինքը նախազգում ու կանխագուշակում էր առաջ, նույնիսկ նրան թվում էր, որ կարծես թե այդ ամենը նա արդեն կարդացել էր մի ժամանակ, վաղուց-վաղուց, և այն ամենը, ինչի մասին նա թախծում էր այն ժամանակից ի վեր, այն ամենը, որից տանջվում ու վախենում էր, այդ ամենը պարփակվում էր իր կողմից վաղուց կարդացված այդ նամակներում։
 +
 +
«Երբ բաց անեք այս նամակը (այդպես էր սկսվում առաձին ուղերձը), ամենից առաջ նայեցեք ստորագրությանը։ Ստորագրությունը ձեզ ամեն ինչ կասի և ամեն ինչ կպարզաբանի, այնպես որ ձեր առաջ արդարանալու և ձեզ պարզաբանելու ոչինչ չունեմ։ Եթե գեթ ինչ-որ չափով ձեզ հավասար լինեի, դուք դեռ կկարողանայիք վիրավորվել այսպիսի հանդգնությունից, բայց ո՞վ եմ ես, և ո՞վ եք դուք։ Մենք երկու այնպիսի հակապատկերներ ենք, և ես ձեր համեմատությամբ այն աստիճան արտակարգ բան եմ, որ նույնիսկ ոչ մի ձևով չեմ կարող ձեզ վիրավորել, եթե նույնիսկ ուզենայի»։
 +
 +
Այնուհետև մի այլ տեղ նա գրում է.
 +
 +
«Իմ խոսքերը մի համարեք հիվանդ երևակայության հիվանդագին հիացում. բայց դուք ինձ համար կատարելություն եք։ Ես ձեզ տեսել եմ, ես ձեզ տեսնում եմ ամեն օր։ Չէ՞ որ ես ձեզ չեմ դատում, ես դատողությամբ չեմ հասել այն մտքին, թե դուք կատարելություն եք. ես ուղղակի հաստատապես հավատացած եմ։ Բայց իմ մեջ նաև մեղք կա ձեր առաջ. ես ձեզ սիրում եմ։ Չէ՞ որ կատարելությունը չի կարելի սիրել, կատարելությանը կարելի է նայել միայն ինչպես կատարելության, այնպես չէ՞։ Այնինչ ես ձեզ սիրահարված եմ։ Թեև սերը հավասարեցնում է մարդկանց, բայց մի անհանգստացեք, ես ձեզ չեմ հավասարեցրել ինձ, նույնիսկ ամենաթաքուն մտքումս։ Ես ձեզ գրել եմ «մի անհանգստացեք». մի՞թե դուք կարող եք անհանգստանալ... Եթե կարելի լիներ, ես կհամբուրեի ձեր ոտների հետքերը։ Օ, ես չեմ հավասարվում ձեզ հետ... նայեցեք ստորագրությանը, շուտով նայեցեք ստորագրությա՜նը»։
 +
 +
«Սակայն, ես նկատում եմ (գրում էր նա մյուս նամակում ), որ ձեզ միացնում եմ նրա հետ և դեռ ոչ մի անգամ չեմ հարցրել, թե արդյոք սիրո՞ւմ եք նրան։ Նա սիրեց, միայն մեկ անգամ տեսնելով ձեզ։ Նա ձեր մասին մտաբերում է ինչպես «լույսի» մասին, սա նրա սեփական խոսքերն են, ես նրանից եմ լսել դրանք։ Բայց ես առանց խոսքերի էլ հասկացա, որ դուք նրա համար լույս եք։ Ես մի ամբողջ ամիս ապրեցի նրան մոտիկ և այդտեղ հասկացա, որ դուք էլ նրան եք սիրում, դուք և նա ինձ համար մի բան եք»։
 +
 +
«Այդ ինչո՞ւ (գրում է նա էլի) երեկ ես անցա ձեր մոտով, և դուք կարծես թե շիկնեցիք։ Չի՛ կարող պատահել, դա ինձ այդպես թվաց։ Եթե ձեզ տանեն նույնիսկ ամենակեղտոտ մի որջ և ցույց տան մերկացած արատը, այն ժամանակ էլ դուք չպետք է շիկնեք. դուք ոչ մի դեպքում չեք կարող զայրանալ վիրավորանքի պատճառով. դուք կարող եք ատել բոլոր անարգներին ու ստորներին, բայց ոչ ձեզ համար, այլ ուրիշների, նրանց, ում այդ անարգները վիրավորում են։ Իսկ ձեզ ոչ ոք չի կարող վիրավորել։ Գիտե՞ք, ինձ թվում է, որ դուք նույնիսկ պետք է սիրեք ինձ. ինձ համար դուք նույնն եք, ինչ որ նրա համար. լուսավոր ոգի. հրեշտակը չի կարող ատել, չի կարող և չսիրել։ Արդյոք կարելի՞ է սիրել բոլորին, բոլոր մարդկանց, իր բոլոր մերձավորներին, ես հաճախ եմ այս հարցը տվել ինձ։ Իհարկե ոչ, և նույնիսկ անբնական է։ Դեպի մարդկությունը տածած վերացական սիրո մեջ սիրում ես գրեթե միմիայն քեզ։ Բայց սա մեզ համար անհնար է, իսկ դուք այլ բան եք. ինչպե՞ս կարող էիք դուք չսիրել թեկուզ որևէ մեկին, երբ ձեզ ոչ ոքի հետ չեք կարող համեմատել և երբ դուք վեր եք ամենայն վիրավորանքից, վեր եք ամենայն անձնական զայրույթից։ Մենակ դուք կարող եք սիրել առանց էգոիզմի, մենակ դուք կարող եք սիրել ոչ թե անձամբ ձեզ համար, այլ նրա համար, որին սիրում եք։ Օ, որքան դառն կլիներ ինձ համար իմանալ, որ դուք իմ պատճառով ամոթ կամ զայրույթ եք զգում։ Այստեղ ձեր կործանումն է. դուք միանգամից կհավասարվեք ինձ...
 +
 +
Երեկ, ձեզ հանդիպելով, տուն եկա և մի պատկեր հնարեցի։ Քրիստոսին բոլորը նկարում են ըստ ավետարանական ավանդությունների. ես այլ կերպ կնկարեի. ես նրան կպատկերեի մենակ, չէ՞ որ աշակերտները երբեմն թողնում էին նրան մենակ։ Ես նրա հետ կթողնեի մենակ մի փոքրիկ երեխայի։ Երեխան խաղում էր նրա մոտ. գուցե նրան որևէ բան էր պատմում իր մանկական լեզվով, Քրիստոս նրան լսում էր, բայց հիմա խորասուզվել է մտքերի մեջ. նրա ձեռքը ակամա, մոռացությամբ, մնացել է մանկան խարտյաշ գլխին։ Նա նայում է հեռուն, հորիզոնին. ամբողջ աշխարհի պես մի մեծ խոհ հանգչում է նրա հայացքում, դեմքը տխուր է։ Երեխան լռել է, հենվել Քրիստոսի ծնկներին և, թաթիկը թշին նեցուկ արած, գլխիկը բարձրացրել է վեր և մտածկոտ, ինչպես երբեմն երեխաներն են մտասուզվում, ուշադիր նայում է նրան։ Արևը մայր է մտնում... Ահա իմ պատկերը։ Դուք անմեղ եք, և ձեր ամբողջ կատարելությունը ձեր անմեղության մեջ է։ Օ, հիշեցեք միայն դա։ Ի՞նչ գործ ունեք ձեր նկատմամբ ունեցած իմ կրքի հետ։ Դուք հիմա արդեն իմն եք, ես ամբողջ կյանքիս ընթացքում ձեր կողքին կլինեմ... Ես շուտով կմեռնեմ»։
 +
 +
Վերջապես, ամենավերջին նամակում գրված էր.
 +
 +
«Ի սեր աստծու, իմ մասին ոչինչ չմտածեք. մի մտածեք նաև, որ ես ինձ ստորացնում եմ նրանով, որ այսպես եմ գրում ձեզ, և կամ որ ես պատկանում եմ այնպիսի էակների թվին, որոնց համար հաճույք է իրենց ստորացնելը, նույնիսկ թեկուզ հպարտությունից։ Ոչ, ես իմ մխիթարություններն ունեմ. բայց ինձ համար դժվար է դա ձեզ բացատրելը։ Ես կդժվարանայի նույնիսկ ինքս ինձ ասել դա պարզորեն, թեև ես տանջվում եմ դրանից։ Բայց ես գիտեմ, որ չեմ կարող ինձ ստորացնել նույնիսկ հպարտության նոպայից դրդված։ Իսկ սրտի մաքրության պատճառով ինքնաստորացման ես ընդունակ չեմ։ Ուստի, նշանակում է, ես բոլորովին չեմ ստորացնում ինձ։
 +
 +
Ինչո՞ւ եմ ուզում ձեզ միացնել. ձե՞զ համար, թե ինձ համար։ Ինձ համար, հասկանալի է. այստեղ բոլոր թույլտվություններն իմն են, ես այդպես եմ ասել ինքս ինձ վաղուց... Ես լսել եմ, որ ձեր քույրը՝ Ադելաիդան, այն ժամանակ իմ դիմանկարի մասին ասել է, որ այսպիսի գեղեցկությամբ կարելի է աշխարհը շուռ տալ։ Բայց ես հրաժարվեցի աշխարհից. ձեզ համար ծիծաղելի է այս լսել ինձնից, հանդիպելով ինձ ժանյակներով ու գոհարներով զարդարված, հարբեցողների ու անպիտանների հետ. դրան մի նայեք, ես գրեթե արդեն գոյություն չունեմ, ես այդ գիտեմ, աստված գիտի, թե իմ փոխարեն ինչ է ապրում իմ մեջ։ Ես ամեն օր դա կարդում եմ երկու սարսափելի աչքերի մեջ, որոնք շարունակ նայում են ինձ, նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք իմ առաջ չեն։ Այդ աչքերը հիմա ''լռում'' են (նրանք շարունակ լուռ են), բայց ես դիտեմ նրանց դաղտնիքը։ Նրա տունը մռայլ է, ձանձրալի, և նրանում էլ գաղտնիք կա։ Ես համոզված եմ, որ նրա արկղում թաքցրած է մետաքսի մեջ փաթաթած ածելի, ինչպես այն Մոսկվայի մարդասպանի մոտ. նա էլ ապրում էր մոր հետ նույն տանը և նույնպես ածելին կապել էր մետաքսով, որպեսզի մի կոկորդ կտրի։ Ամբողջ ժամանակ, որ գտնվում էի նրանց տանը, ինձ շարունակ թվում էր, որ հատակի տախտակների տակ, դեռ նրա հայրը, գուցե թաքցրել է մի մեռածի և ծածկել մոմլաթով, ինչպես այն մոսկվացին, և նույնպես շուրջը դարսած են ժդանովյան հեղուկով սրվակներ, ես նույնիսկ ձեզ ցույց կտայի այդ անկյունը։ Նա շարունակ լռում է, բայց ախր ես գիտեմ, նա այնքան է սիրում ինձ, որ արդեն չէր կարող չատել ինձ։ Ձեր հարսանիքը և իմ հարսանիքը՝ միասին. այդպես ենք նշանակել ես ու նա։ Ես նրանից գաղտնիք չեմ պահում։ Ես նրան կսպանեի վախից... Բայց նա ինձ ավելի շուտ կսպանի... նա հիմա ծիծաղեց և ասում է, թե ես զառանցում եմ. նա գիտի, որ ես ձեզ գրում եմ»։
 +
 +
Եվ շատ, նույնպիսի շատ զառանցանք կար այդ նամակներում։ Նրանցից մեկը՝ երկրորդը, երկու փոստային թերթի վրա էր, մեծ չափսի, մանր գրված։
 +
 +
Իշխանը վերջապես դուրս եկավ խավար զբոսայգուց, որտեղ երկար թափառում էր, ինչպես և երեկ։ Պայծառ, թափանցիկ գիշերը նրան սովորականից ավելի պայծառ թվաց. «Մի՞թե դեռ այսքան վաղ է»,— մտածեց նա։ (Նա մոռացել էր ժամացույցը վերցնել)։ Կարծես թե նա մի տեղից հեռավոր երաժշտության ձայն լսեց. «Ըստ երևույթին կայարանում է,— նորից մտածեց նա,— իհարկե, նրանք այսօր չեն գնացել այնտեղ»։ Այդ մտածելով, նա տեսավ, որ կանգնած է հենց նրանց ամառանոցի մոտ. նա այդպես էլ գիտեր, որ անպայման պետք է վերջ ի վերջո այստեղ հայտնվեր, և սրտի նվաղումով ոտք դրեց պատշգամը։ Նրան ոչ ոք չհանդիպեց, պատշգամբը դատարկ էր։ Նա մի քիչ սպասեց և բացեց դահլիճի դուռը։ «Նրանց այս դուռը երբեք չէր ծածկվում»,— անցավ նրա մտքով, բայց դահլիճն էլ դատարկ էր. այնտեղ գրեթե բոլորովին մութն էր։ Նա տարակուսած կանգնեց սենյակի մեջտեղը։ Հանկարծ դուռը բացվեց, և ներս մտավ Ալեքսանդրա Իվանովնան մոմը ձեռքին։ Իշխանին տեսնելով, նա զարմացավ և կանգ առավ նրա առաջ, կարծես թե հարց տալով։ Ըստ երևույթին, նա միայն անցնում էր սենյակի միջով մի դռնից մյուսը, բոլորովին չկարծելով, թե որևէ մեկին կհանդիպի։
 +
 +
— Ինչպե՞ս հայտնվեցիք այստեղ,— վերջապես ասաց նա։
 +
 +
— Ես... անցա...
 +
 +
— Maman-ն այնքան էլ առողջ չէ։ Ագլայան նույնպես։ Ադելաիդան պառկում է քնելու, ես էլ եմ գնում։ Մենք այսօր ամբողջ երեկո տանը մենակ էինք նստած։ Հայրիկը և իշխանը Պետերբուրգում են։
 +
 +
— Ես եկա... ես ձեզ մոտ եկա... հիմա...
 +
 +
— Գիտե՞ք ժամը քանիսն է։
 +
 +
— Ո-ոչ...
 +
 +
— Տասներկուսն անց կեսն է։ Մենք միշտ ժամը մեկին պառկում ենք։
 +
 +
— Ախ, ես կարծում էի թե... ինն անց կեսն է։
 +
 +
— Ոչինչ,— ծիծաղեց Ալեքսանդրան։— Իսկ ինչո՞ւ քիչ առաջ չեկաք։ Ձեզ, գուցե և, սպասում էին։
 +
 +
— Ես... կարծում էի...— թոթովում էր նա, հեռանալով։
 +
 +
— Ցտեսությո՜ւն։ Վաղը բոլորին կծիծաղեցնեմ։
 +
 +
Նա գնաց զբոսայգին շրջանցող ճանապարհով, դեպի իր ամառանոցը։ Նրա սիրտը բաբախում էր, մտքերը խառնվում էին, և նրա շուրջն ամեն ինչ երազի էր նման։ Եվ հանկարծ, նույնպես, ինչպես և այն ժամանակ, երբ նա երկու անգամն էլ արթնացավ միևնույն տեսիլքի վրա, նույն տեսիլքը նորից ներկայացավ նրան։ Նույն կինը դուրս եկավ զբոսայգուց և կանգնեց նրա առաջ, կարծես նրան սպասում էր այստեղ։ Իշխանը ցնցվեց և կանգ առավ. կինը բռնեց նրա ձեռքը և ամուր սեղմեց։ «Ոչ, սա տեսիլք չէ՜»։
 +
 +
Եվ ահա, վերջապես։ Նա կանգնած էր նրա առաջ երես առ երես, առաջին անգամ իրենց անջատումից հետո. նա ինչ֊որ բան էր ասում իշխանին, բայց վերջինս լուռ նայում էր նրան. իշխանի սիրտը լցվեց ու ցավից տնքաց։ Օ, երբեք հետո նա չէր կարողանում մոռանալ այդ հանդիպումը նրա հետ և միշտ մտաբերում էր միատեսակ ցավով։ Նա ծունկի եկավ իշխանի առաջ, հենց այդտեղ, փողոցում, ինչպես մոլագար. իշխանը վախեցած ընկրկեց, իսկ նա որսում էր նրա ձեռքը, որպեսզի համբուրեր, և ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ երազում, հիմա էլ արցունքները շողում էին նրա երկար արտևանունքների վրա։
 +
 +
— Վեր կաց, վեր կաց,— ասում էր իշխանը վախեցած շշուկով, բարձրացնելով նրան,— շուտ վեր կաց։
 +
 +
— Դու երջանի՞կ ես։ Երջանի՞կ ես,— հարցնում էր նա։— Ինձ միայն մի խոսք ասա, երջանի՞կ ես հիմա։ Այսօր, հիմա։ Նրա՞ մոտ էիր։ Նա ի՞նչ ասաց։
 +
 +
Նա վեր չէր կենում, նա չէր լսում իշխանին, նա հարցնում էր շտապելով և շտապում էր խոսել, կարծես թե նրան հետապնդում էին։
 +
 +
—- Ես մեկնում եմ վաղը, ինչպես դու հրամայեցիր։ Ես չեմ լինի... Չէ՞ որ վերջին անգամ եմ տեսնում քեզ, վերջի՜ն։ Հիմա ախր արդեն բոլորովի՜ն վերջին անգամ։
 +
 +
— Հանգստացիր, վեր կաց,— ասաց իշխանը հուսակտուր։
 +
 +
Նա ագահորեն ուշադիր նայում էր իշխանին, նրա ձեռքերը բռնած։
 +
 +
— Մնաս բարո՜վ,— վերջապես ասաց նա, վեր կացավ և արագ հեռացավ նրանից, գրեթե փախավ։ Իշխանը տեսավ, որ նրա մոտ հանկարծ հայտնվեց Ռոգոժինը, նրան թևանցուկ արեց ու տարավ։
 +
 +
— Սպասիր, իշխան,— բղավեց Ռոգոժինը,— ես հինգ րոպե հետո կվերադառնամ քիչ ժամանակով։
 +
 +
Հինգ րոպե հետո նա իրոք եկավ։ Իշխանը նրան սպասում էր նույն տեղում։
 +
 +
— Կառք նստեցրի,— ասաց նա,— այնտեղ անկյունում ժամը տասից կառքն սպասում էր։ Նա այդպես էլ գիտեր, որ ամբողջ երեկո այն մյուսի մոտ կլինես։ Այն ժամանակվանը, որ ինձ գրել էիր, ճշտությամբ հայտնեցի։ Նա այլևս այն մեկին չի գրի, խոստացավ. և քո ցանկությամբ այստեղից վաղը կգնա։ Ուզեց վերջին անգամ քեզ տեսնել, թեև դու մերժել էիր, այստեղ էլ քեզ սպասում էինք վերադարձիդ, ահա այնտեղ, այն նստարանի վրա։
 +
 +
— Նա ի՞նքը քեզ իր հետ վերցրեց։
 +
 +
— Բա ի՞նչ,— ատամները ցույց տվեց Ռոգոժինը,— տեսա այն, ինչ որ գիտեի։ Նամակները հո՞ կարդացել էի։
 +
 +
— Մի՞թե իսկապես կարդացել ես այդ նամակները,— հարցրեց իշխանը այդ մտքից ապշած։
 +
 +
— Բա ո՜նց. ամեն մի նամակը ինքն էր ցույց տալիս ինձ։ Ածելու մասին հիշո՞ւմ ես, հի՜-հի՜։
 +
 +
— Խելագա՜ր կին,— գոչեց իշխանը, ձեռները կոտրատելով։
 +
 +
— Ո՞վ գիտի այդ, գուցե և չէ,— կամացուկ ասաց Ռոգոժինը, կարծես ինքն իրեն։
 +
 +
Իշխանը չպատասխանեց։
 +
 +
— Դե, մնաս բարով,— ասաց Ռոգոժինը,— ախր ես էլ եմ գնում վաղը. բարի՛ հիշիր։ Իսկ ինչու, եղբայր,— ավելացրեց նա, արագ շուռ գալով,— ինչո՞ւ նրան ոչինչ չասացիր ի պատասխան։ «Իսկ դու երջանի՞կ ես, թե ոչ»։
 +
 +
— Ոչ, ո՜չ, ո՜չ,— բացականչեց իշխանը անսահման վշտով։
 +
 +
— Ա՜յդ էր պակաս, որ «այո» ասեիր,— չար ծիծաղեց Ռոգոժինը և գնաց առանց ետ նայելու։
 +
 +
 +
== Չորրորդ մաս ==
 +
 +
=== I ===
 +
 +
Անցավ մոտ մեկ շաբաթ կանաչ նստարանի վրա մեր պատմության երկու անձանց տեսակցությունից հետո։ Մի պայծառ առավոտ ժամը տասն անց կեսին մոտ, Վարվառա Արրդալիոնովնա Պտիցինան, որ դուրս էր եկել իր ծանոթներից ոմանց այցելելու, տուն վերադարձավ մեծ ու վշտալի մտածմունքի մեջ ընկած։ 
 +
 +
Կան մարդիկ, որոնց մասին դժվար է մի այնպիսի բան ասել, որ նրանց ներկայացներ միանգամից ու ամբողջովին, նրանց ամենատիպական ու բնորոշ տեսքով․ դրանք այն մարդիկ են, որոնց սովորաբար կոչում են «սովորական», «մեծամասնություն» և որոնք հիրավի կազմում են մի հասարակության հսկայական մեծամասնությունը։ Գրողները իրեն վեպերում ու պատմվածքներում մեծ մասամբ աշխատում են վերցնել հասարակության տիպերը և նրանց ներկայացնել պատկերավոր ու գեղարվեստորեն, տիպեր, որոնք իրականում շատ հազվադեպ են հանդիպում ամբողջությամբ, և որոնք այնուհանդերձ ավելի իրական են բուն իրականությունից։ Պոդկոլյոսինն իր տիպական տեսքով թերևս նույնիսկ չափազանցնում է, բայց բնավ մտացածին բան չէ։ Խելոք մարդկանց ինչպիսի՜ բազմություն Գոգոլից իմանալով Պոդկոլյոսինի մասին, անմիջապես սկսեցին գտնել, որ իրենց տասնյակ ու հարյուրավոր լավ ծանոթներ ու բարեկամներ շատ նման են Պոդկոլյոսինին։ Նրանք մինչև Գոգոլը գիտեին, որ իիրենց բարեկամներն այնպես են, ինչպես Պոդկոլյոսինը, բայց միայն չգիտեին, որ նրանք հենց այնպես են կոչվում։ Իրականում փեսացուները շատ հազվադեպ են լուսամուտներից դուրս թռչում իրենց հարսանիքներից առաջ, որովհետև դա, չխոսելով մնացած բաների մասին, նույնիսկ անհարմար է․ բայց և այնպես ինչքան փեսացուները, նույնիսկ արժանավոր ու խելացի մարդիկ, պսակադրության ժամին, խղճի խորքում պատրաստ են եղել իրենք իրենց որպես Պոդկոլյոսիններ ճանաչել։ Նմանապես ոչ բոլոր ամուսիններն են ամեն քայլափոխի բղավում․ «Tu l'as voulu, George Dandin!»<ref>«Դու ա՜յս էիր ուզում, Ժորժ Դանդեն» (ֆրանս․)</ref>, բայց, աստվաած իմ, ամբողջ աշխարհի ամուսինների կղմից քանի միլիոն ու բիլիոն անգամ է կրկնվել այդ ստի ճիչը իրենց մեղրամսից հետո, իսկ ով գիտի, գուցե և հարսանիքից հետո հաջորդ իսկ օրը։
 +
 +
Այսպես, ուրեմն, առանց ավելի լուրջ բացատրությունների մեջ ընկնելու, կասենք միայն, որ իրականում դեմքերի տիպականությունը կարծես թե ջրիկացվում է, և այդ բոլոր Ժորժ Դադեններն ու Պոդկոլյոսինները իրոք գոյություն ունեն, ամեն օր դեսդեն են գնում, վազվզում են մեր առաջ, բայց կարծես թե մի քիչ ջրիկացած վիճակում։ Լիակատար ճշմարտության համար, վերջապես, վերապահում անելով, որ Ժորժ Դադենն ամբողջությամբ, ինչպես նաև ստեղծել է Մոլիերը, նույնպես կարող է պատահել իրականում, թեև հազվադեպ, մենք դրանով կավարտենք մեր դատողությունը, որը սկսում է նմանվել ժուռնալային քննադատության։։ Բայց և այնպես, այնուամենայնիվ մեր առաջ մնում է մի հարց․ ի՞նչ անի վիպասանը հասարակ, միանգամայն «սովորական» մարդկանց հետ և ինչպե՞ս ցուցադրի ընթերցողների առաջ, որպեսզի ինչ-որ չափով հետաքրքիր դարձնի նրանց։ Պատմելու ընթացքում նրանց բոլորվին շրջանցել չի կարելի, որովհետև սովորական մարդիկ ամեն րոպե և մեծ մասամբ կենսական իրադարձությունների կապի մեջ անհրաժեշտ օղակն են, նշանակում է, նրանց շրջանցելով, կխախտենք ճշմարտությունը։ Վեպերը լցնել միմիայն տիպերով կամ նույնիսկ ուղղակի, հետաքրքրության համար, տարօրինակ ու չտեսնված մարդկանցով, կլիներ ոչ ճշմարտանման, թերևս նաև անհետաքրքիր։ Մեր կարծիքով գրողը պետք է անհետաքրքիր և ուսանելի երանգներ որոնի ու գտնի նույնիսկ նաև սովորական մարդկանց մեջ։ Իսկ երբ, օրինակ, որոշ սովորական մարդկանց բուն էությունը կայանում է նրանց մշտական և անփոփոխ սովորականության մեջ կամ, որ ավելի լավ է, երբ, չնայած այդ մարդկանց ամբողջ արտակարգ ջանքերին, ինչ գնով ուզում է լինի դուրս գալ սովորականության ու հնամոլության աղուրից, նրանք, այնուամենայնիվ, ավարտում են նրանով, որ անփոփոխ ու հավերժ մնում են միմիայն որպես հնամոլներ, այն ժամանակ այդպիսի մարդիկ ստանում են նույնիսկ որոշ յուրատեսակ տիպականություն, այսինքն՝ սովորականություն, որը ոչ մի գնով չի ուզում մնալ այն, ինչ որ է և ամեն կերպ ուզում է դառնալ յուրօրինակ ու ինքնուրույն, ինքնուրույնության ամենաչնչին իսկ հնարավորություն չունենալով։
 +
 +
«Սովորական» կամ «հասարակ» մարդկանց այդ կարգին են պատկանում նաև մեր պատմության մի քանի անձինք, որոնք (խոստովանում եմ) մինչև հիմա քիչ են պարզաբանված ընթերցողին։ Այդպիսիք են հենց Վարվառա Արդալիոնովնա Պտիցինան, նրա ամուսինը՝ Պտիցինիը, նրա եղբայրը՝ Գավրիլա Արդալիոնովիչը։
 +
 +
Հիրավի, ոչինչ այնքան ցավալի չէ, քքան լինել, օրինակ, հարուստ, օրինավոր ընտանիքից, վայելուչ արտաքինով, լավ կրթված, խելացի, նույնիսկ բարի, և միաժամանակ չունենալ ոչ մի տաղանդ, ոչ մի առանձնահատկություն, նույնիսկ ոչ մի տարօրինակություն, ոչ մի սեփական միտք, լինել ուղղակի «ամենքի նման»։ Հարստություն կա, բայց ոչ Ռոտշիլդի․ ընտանիքն ազնիվ է, բայց երբեք ոչնչով չի նշանավորել իրեն․ արտաքինը վայելուչ է, բայց շատ քիչ բան է արտահայտում․ կրթությունը կարգին է, բայց չգիտես որտեղ կիրառես դա․ խելք կա, բայց սեփական մտքերի․ Սիրտ ունի, բայց առանց մեծահոգության  և այլն, և այլն, բոլոր տեսակետներից։ Այդպիսի մարդիկ աշխարհում շատ-շատ են և նույնիսկ ավելի շատ, քան թվում է, նրանք, ինչպես և բոլոր մարդիկ, բաժանվում են երկու կարգի․ ոմանք սահմանափակ են, մյուսները՝ «շատ ավելի խելացի»։ Առաջիններն ավելի երջանիկ են։ Սահմանափակ «սովորական մարդու» համար, օրինակ, ոչ մի ավելի հեշտ բան չկա, քան իրեն արտասովոր ու յուրօրինակ մարդ երևակայելըև առանց տատանումներկ դրանով ուրախանալը։ Բավական էր, որ մեր օրիորդներից ոմանք մազերը կտրեին, կապույտ ակնոց դնեին և իրենց անվանեին նիհիլիստուհիներ, որպեսզի իսկույն համոզվեին, որ ակնոց դնելով, անմիջապես սկսել են սեփական «համոզմունքներ» ունենալ։ Բավական էր որևէ մեկը իր սրտում զգար մի կաթիլի չափ որևէ համամարդկային և բարի զգացմունք, որպեսզի անմիջապես համոզվեր, որ ոչ մեկը այնպես չի զգում, ինչպես ինքը, որ նա առաջավոր է ընդհանուր զարգացման մեջ։ Բավական էր, որ մեկը ուրիշի ասածով ընդուներ որևէ մի միտքկամ առանց սկզբի ու վերջի մի էջ բան կարդար, որպեսզի անմիջապես հավատար, թե դրանք իր սեփական մտքերն են և իր սեփական ուղեղում են ծնվել։ Միամտության լկտիությունը, եթե կարելի է այսպես արտահայտվել, այսպիսի դեպքերում հասնում է զարմանալիի աստիճանին․ այս ամենը անհավանական է, բայց հանդիպում է ամեն րոպե։ Միամտության այդ լկտիությունը, հիմար մարդու չկասկածելը ինքն իրեն և իր տաղանդին, հիանալի դրսևորել է Գոգոլը հանձին պորուչիկ Պիրոգովի զարմանալի տիպի։ Պիրոգովը նույնիսկ չի էլ կասկածում, որ ինքը հանճար է, նույնիսկ բարձր է ամեն մի հանճարից․ այն աստիճան չի  կասկածում, որ նույնիսկ ոչ մի այնգամ այդ մասին իրեն հարց անգամ չի տալիս, ասենք, նրա համար հարցեր գոյություն իսկ չունեն։ Մեծ գրողը հարկադրված էր, վերջապես, նրան ծեծել իր ընթերցողի վիրավորված բարոյական զգացմունքը բավարարելու համար, բայց, տեսնելով, որ մեծ մարդը միայն թափ տվեց ինքն իրեն և խոշտանգումից հետո ուժերը կազդուրելու համարշերտավոր կարկանդակ կերավ, զարմացած տարածեց ձեռքերը և այդպես թողեց իր ընթերցողներին։ Ես միշտ տրտմում էի, որ մեծ ՊիրոգոիվինԳոգոլը այդպիսի փոքր աստիճան է տվել, որովհետև Պիրոգովըն այնքան ինքնագոհ է, որ նրա համար ոչինչ այնքան հեշտ չէ, որքան տարիների ընթացքում նրա շքեղ ուսադիրների հաստացման և ծոպերիզների ոլորվելուն համընթաց ինքն իրեն առնվազն, օրինակ մի արտակարգ զորավար երևակայելը․ նույնիսկ ոչ թե երևակայել, այլ ուղղակի չկասկածել դրանում․ գեներալ են դարձել, էլ ինչպե՞ս թե զորավար չի։ Եվ հետո այդպիսիներից քանի՜սն են սարսափելի անհաջողություններունեցել կռվի դաշտում։ Իսկ որքա՜ն Պիրոգովներ են եղել մեր գրականագետների, գիտնականների, պրոպագանդիստների մեջ։ Եվ ասում եմ «եղել են», բայց ի՛նչ խոսք, որ իհարկե, հիմա էլ կան․․․
 +
 +
Մեր պատմության գործող անձև, Գավրիլա Արդալիոնովիչ Իվոգլինը, պատկանում էր մի այլ  կարգի․ նա պատկանում էր «շատ ավելի խելացի» մարդկանց կարգին, թեև ամբողջովին, ոտքից գլուխ վարակված էրյուրօրինակության ցանկությամբ։ Բայց այդ կարգը, ինչպես արդեն նշեցինք վերև, շատ ավելի դժբախտ է առաջինից։ Բանն էլհենց այն է, որ խելացի «սովորական» մարդը, եթե նույնիսկ հարևանցի (կամ թեկուզ իր ամբողջ կյանքի ընթացքում) իրեն երևրակայեր հանճարեղ և ամենայուրօրինակ մարդը, այնուամենայնիվ իր սրտում պահում է կասկածի որդը, որ այնտեղն է հասցնում, որ խելացի մարդը երբեմն ավարտում է լիակատար հուսահատությամբ, եթե հնազանդվում էլ է, ապա ներս գցած սնափառությունից արդեն բոլորովին թունավորված։ Ասենք, մենք բոլոր դեպքերում վերցրինք ծայրահեղությունը․ մարդկանց հսկայական կարգի մեծամասնության մեջ բանն ամենևին էլ այդպես ողբերգական չի լինում․ միայն կյանքի վերջին տարիներում ավելի կամ պակաս չափով փչանում է լյարդը, ահա և բոլորը։ Բայց և այնպես, նախքան հնազանգվելն ու ենթարկվելը, այդ մարդիկ երբեմն շատ երկար են անկարգություն անում, սկսած պատանելությունից մնչև ենթարկվող հասակը, և ամբողջը՝ յուրօրինակ լինելու ցանկությունից․ նույնիսկ տարօչինակ դեպքեր են պատահում․ յուրօրինակության ցանկությունից մի որևէ ազնիվ մարդ պատրաստ է նույնիսկ ստոր գործ բռնել․ նույնիսկ այնպես էլ է լինում, որ այդ դժբախտներից որևէ մեկը ոչ միայն ազնիվ է, այլ նաև բարի, իր ընտանիքի նախախնամությունը, իր աշխատանքով սնում ու պահում է նույնիսկ օտարներին, ոչ միայն յուրայիններին, և ի՞նչ, ամբողջ կյանքում չի կարող հանգստանալ։ Նրա համար ամենևին հանգստացուցիչ և մխիթարական չէ այն միտքը, որ նա այդպես լավ է կատարել իր մարդկային պարտականությունները․ նույնիսկ ընդհակառակը, հենց այդ միտքն է ջղայնացնում նրան․ «Ահա թե ինչի վրա վատնեց կյանքս, ահա թե ինչն է կապում ձեռքերս ու ոտքերս, ահա թե ինչը խանգարեց ինձ վառոդը հայտնագործելու։ Դա չլիներ, ես, կարղ է պատահել, անպայման կհայտնագործեի, կամ վառոդը, կամ Ամերիկան, դեռ հաստատ չգիտեմ, թե ինչ, բայց անպայման կհայտնագործեի»։ Այդ պարոնների մեջ ամենաբնորոշն այն է, որ նրանք իրոք ամբողջ կյանքի ընթացքում չեմ կարող հաստա իմանալ, թե թե իսկապես ինչ է պետք նրանց հայտնագործել, և նրանք այբողջ կյանքի ընթացքում հատկապես ինչ են պատրաստ հայտնագործելու․ վառո՞դը, թե՞ Ամերիկան։ Բայց նրանց մեջ եղած տառապանքը, թախիծը հայտնագործելիի համար, կբավականացներ Կոլումբոսին կամ Գալիլեյին։
 +
 +
 +
----
 +
<references/>

Ընթացիկ տարբերակը 19:50, 18 Հուլիսի 2021-ի դրությամբ

Ապուշը

հեղինակ՝ Ֆյոդոր Դոստոևսկի
թարգմանիչ՝ Արփիկ Վարդապետյան
աղբյուր՝ «Ապուշը»

Առաջին մաս

I

Նոյեմբերի վերջին, մի տաք օր, առավոտյան ժամը իննին մոտ Պետերբուրգ—Վարշավյան երկաթուղու գնացքը ամենայն արագությամբ մոտենում էր Պետերբուրգին։ Այնպես խոնավ ու մառախլապատ էր, որ հազիվհազ լուսացավ, աջ ու ձախ՝ ճանապարհից տասը քայլ այն կողմ, դժվար էր գեթ որևէ բան նշմարել վագոնի լուսամուտներից։ Ուղևորների մեջ կային նաև արտասահմանից վերադարձողներ, բայց ավելի շատ լցված էին երրորդ կարգի բաժանմունքները, և բոլորը մանր ու գործարար մարդկանցով, որոնք գալիս էին ոչ այնքան հեռվից։ Ինչպես սովորաբար, բոլորը հոգնել էին, գիշերվա ընթացքում բոլորի աչքերը ծանրացել էին, բոլորը սառել էին, բոլորի դեմքերը դալկադեղին էին, ինչպես մառախուղի գույնն էր։

Երրորդ կարգի վագոններից մեկում, հենց լուսամուտի մոտ, լուսաբացից իրար դեմ հանդիման հայտնվեցին երկու ուղևոր՝ երկուսն էլ երիտասարդ, երկուսն էլ գրեթե առանց բեռի, երկուսն էլ ոչ պճնագեղ հագնված, երկուսն էլ բավականին աչքի ընկնող դիմագծերով և, վերջապես, երկուսն էլ ցանկացան խոսակցության բռնվել իրար հետ։ Եթե երկուսն էլ միմյանց մասին իմանային, թե նրանք այդ րոպեին հատկապես ինչով են նշանավոր, ապա, իհարկե, կզարմանային, որ դիպվածը այդպես տարօրինակ կերպով նրանց նստեցրել է դեմառդեմ, Պետերբուրգ—Վարշավյան գնացքի երրորդ կարգի վագոնում։

Նրանցից մեկը ցածրահասակ էր, մոտ քսանյոթ տարեկան, գանգուր ու գրեթե սև մազերով, գորշ, փոքրիկ, բայց հրացայտ աչքերով։ Նրա քիթը լայն էր ու ճապաղ, դեմքը՝ դուրս ցցված այտոսկրներով. բարակ շրթունքներին շարունակ խաղում էր մի ինչ֊որ անպատկառ, ծաղրական և նույնիսկ չար ժպիտ, բայց ճակատը բարձր էր ու լավ ձևավորված և աննկատելի էր դարձնում դեմքի անազնիվ զարգացած ստորին մասը։ Այդ դեմքի վրա առանձնապես ուշագրավ էր մահացու դալկությունը, որը չնայած բավական ամուր կազմվածքին, երիտասարդի ամբողջ կերպարանքին տալիս էր տանջահար տեսք, և միաժամանակ տառապանքի աստիճանի հասնող ինչ֊որ կրքոտ բան, որը չէր ներդաշնակում անպատկառ ու կոպիտ ժպիտին և սուր, ինքնագոհ հայացքին։ Նա տաք էր հագել, գառնենի լայն սև աստառած քուրքով էր և գիշերը չէր մրսում, մինչդեռ նրա հարևանը հարկադրված էր իր սառած մեջքի վրա զգալ քաղցրությունը ռուսական խոնավ նոյեմբերյան գիշերվա, որին, ակներևաբար, նախապատրաստված չէր։ Նրա հագին մի բավական լայն ու հաստ թիկնոց էր առանց թևքերի և հսկայական կնգուղով, ճիշտ և ճիշտ, այնպես, ինչպիսին հաճախ ձմեռները գործածում են ճամփորդները, հեռու, որևէ տեղ արտասահմանում, Շվեյցարիայում կամ, օրինակ, Հյուսիսային Իտալիայում, ըստ որում, իհարկե, նկատի չունենալով նաև այնպիսի երկար ճանապարհ, ինչպես էյդկունենից մինչև Պետերբուրգ։ Բայց այն, ինչ պիտանի էր և միանգամայն բավարարում էր Իտալիայում, այնքան էլ պիտանի չեղավ Ռուսաստանում։ Կնգուղավոր թիկնոցի տերը նույնպես քսանվեց կամ քսանյոթ տարեկան երիտասարդ էր, միջահասակից փոքր֊ինչ բարձր, շատ խարտյաշ, խիտ մազերով, և թեթև, սուրուլիկ, գրեթե բոլորովին սպիտակահեր մորուքով։ Նրա աչքերը խոշոր էին, կապույտ և սևեռուն. այդ աչքերի նայվածքում ինչ֊որ հանդարտ, բայց ծանր բան կար, ինչ-որ մի բան՝ լի այն տարօրինակ արտահայտությամբ, որից ոմանք առաջին հայացքից կռահում են, որ այդ անձնավորությունը ընկնավոր է։ Սակայն երիտասարդի դեմքը հաճելի էր, նուրբ ու չոր, բայց անգույն, իսկ հիմա նույնիսկ կապտելու աստիճան մրսած։ Նրա ձեռքին տարուբերվում էր հին, խունացած ֆուլյարե մի լղարիկ կապոց, որն իր մեջ պարունակում էր, կարծեմ, նրա ճամփորդական ամբողջ ունեցվածքը։ Ոտքերին հագել էր հաստ ներբաններով ու կոճակավոր զանգապաններով կոշիկներ՝ ամեն ինչ ոչ֊ռուսավարի։ Աստառված քուրքով սևահեր հարևանը այդ բոլորն ուշադիր զննել էր, մասամբ պարապությունից, և, վերջապես, հարցրեց այն անքաղաքավարի քմծիծաղով, որի մեջ երբեմն այնպես կոպտորեն ու անփույթ արտահայտվում է մարդու բավականությունը՝ մերձավորի ձախորդությունները տեսնելիս։

— Ցո՞ւրտ է։

Եվ թոթվեց ուսերը։

— Շատ,— պատասխանեց հարևանը արտակարգ պատրաստակամությամբ,— և, նկատի ունեցեք, սա դեռ ձնհալ է։ Ի՞նչ կլիներ, եթե սառնամանիք լիներ։ Նույնիսկ մտքովս չէր անցնում, թե մեզանում այսպես ցուրտ է։ Ետ եմ սովորել։

— Արտասահմանի՞ց եք գալիս, ինչ է։

— Այո, Շվեյցարիայից։

— Ֆյո՜ւ։ Տես թե ո՜ւր եք հասել...

Սևահերը մի սուլոց արձակեց ու քրքջաց։

Նրանք սկսեցին զրուցել։ Զարմանալի էր շվեյցարական թիկնոց հագած խարտյաշ երիտասարդի պատրաստակամությունը՝ պատասխանելու իր թխադեմ հարևանի բոլոր հարցերին, առանց որևէ կասկած տանելու որոշ հարցերի կատարյալ անփութությանը, անտեղի և դատարկ լինելուն։ Պատասխանելով, նա ի միջի այլոց հայտնեց, որ իրոք երկար ժամանակ Ռուսաստանում չի եղել, ավելի քան չորս տարի, որ արտասահման է ուղարկված եղել հիվանդության պատճառով, ընկնավորության կամ վիտյան պարի նման ինչ֊որ տարօրինակ ներվային հիվանդության, ինչ֊որ ցնցումների ու ջղաձգության պատճառով։ Նրան ականջ դնելով, թխադեմը մի քանի անգամ քմծիծաղ տվեց. առանձնապես նա ծիծաղեց, երբ այն հարցին. «է՛, բուժեցի՞ն»,― խարտյաշը պատասխանեց, թե՝ «չէ, չբուժեցին»։

— Հը՛մ։ Ով գիտե, ինչքան ավելորդ փող եք վճարել, իսկ մենք էստեղ նրանց հավատում ենք,― խայթոցով նկատեց թխադեմը։

— Կատարյա՜լ ճշմարտություն,― մեջ ընկավ կողքներին նստած և վատ հագնված մի պարոն, գրագրության մեջ չորացած մոտ քառասուն տարեկան, ամրակազմ, կարմիր քթով ու պզուկոտ դեմքով մի չինովնիկ,— կատարյա՜լ ճշմարտություն, միայն զուր տեղը բոլոր ռուսական ուժերը փոխադրում են իրենց մոտ։

— Օ, ինչպես սխալվում եք իմ դեպքում,— հարեց շվեյցարացի պացիենտը մեղմ ու հաշտարար ձայնով,— իհարկե, չեմ կարող վիճել, որովհետև ամեն ինչ չգիտեմ, բայց իմ բժիշկը դեռ իր վերջին կոպեկներից ինձ այստեղ գալու ճանապարհածախս տվեց և համարյա երկու տարի այնտեղ իր հաշվին էր պահում։

— Այդ ինչո՞ւ, վճարո՞ղ չկար, թե ինչ,— հարցրեց թխադեմը։

— Այո, պարոն Պավլիշչևը, որը պահում էր ինձ այնտեղ, երկու տարի առաջ մեռավ, ես հետո նամակ գրեցի այստեղ գեներալի կին Եպանչինային, իմ հեռավոր ազգականուհուն, բայց պատասխան չստացա։ Այդպես էլ վերադարձա։

— Իսկ այդ ո՞ւր վերադարձաք։

— Այսինքն՝ որտեղ եմ իջևանելո՞ւ... Ճիշտն ասած, դեռ չգիտեմ... այնպես...

— Ղեռ չե՞ք վճռել։

Եվ երկու ունկնդիրները նորից քրքջացին։

— Եվ ով գիտե, ձեր ամբողջ ունեցած֊չունեցածը այս կապոցի մե՞ջ է,— հարցրեց թխադեմը։

— Գրազ կգամ, որ այդպես է,— արտակարգ գոհունակ տեսքով վրա տվեց կարմրաքիթ չինովնիկը,— և որ բագաժի վագոններում հետևից եկող ծանրոց չկա, թեպետև աղքատությունը արատ չէ, որը նույնպես չի կարելի չնշել։

Պարզվեց, որ այդ էլ այդպես էր, խարտյաշ երիտասարդը անմիջապես և արտասովոր շտապողականությամբ խոստովանեց այդ։

— Ձեր կապոցը, համենայն դեպս, որոշ նշանակություն ունի,— շարունակեց չինովնիկը, երբ մի կուշտ հռհռացին (ուշագրավ է, որ կապոցի տերն ինքն էլ, նրանց նայելով, վերջապես սկսեց ծիծաղել, որն ավելացրեց ուղեկիցների զվարճությունը),— ու թեև կարելի է գրազ գալ, որ այնտեղ չկան ոսկե, արտասահմանյան նապոլեոնդորների ու ֆրիդրիխսդորների, ոչ էլ նույնիսկ հոլանդական արաբիկների փաթեթներ, որի մասին կարելի է եզրակացնել հենց թեկուզ միայն ձեր արտասահմանյան կոշիկները պարուրող զանգապաններից, բայց... եթե ձեր կապոցին ավելացնենք մի այնպիսի իբր թե ազգականուհի, ինչպես, օրինակ, գեներալի կին Եպանչինան է, ապա կապոցն էլ մասամբ այլ նշանակություն կստանա, եթե գեներալի կին Եպանչինան իրոք ձեզ ազգականուհի է, և դուք չեք սխալվում ցրվածության պատճառով... որը շատ և շատ հատուկ է մարդուն, ասենք, թեկուզ․․․ երևակայության հավելուրդից։

— Օ, դուք նորից կռահեցիք,― հարեց խարտյաշ երիտասարդը,— ախր իսկապես համարյա թե սխալվում եմ, այսինքն՝ համարյա թե ազգականուհի չէ. նույնիսկ այն աստիճան, որ ես, ճշմարիտ, այն ժամանակ բոլորովին չզարմացա, որ ինձ չպատասխանեցին այնտեղ։ Ես այդպես էլ սպասում էի։

— Զուր տեղը նամակի նախավճարի համար փող եք ծախսել։ Հը՛մ... գոնե պարզասիրտ ու անկեղծ եք, իսկ դա գովելի է։ Հը՛մ․․․ Իսկ գեներալ Եպանչինին ճանաչում ենք։ Ճիշտն ասած, այն պատճառով, որ հանրահայտ մարդ է. հանգուցյալ պարոն Պավլիշչևին էլ, որ ձեզ Շվեյցարիայում պահում էր, նույնպես ճանաչում էինք, եթե միայն նա Նիկոլայ Անդրեևիչ Պավլիշչևն է, որովհետև նրանք երկու հորեղբորորդիներ են։ Մյուսը մինչև հիմա Ղրիմում է, իսկ Նիկոլայ Անդրեևիչը, հանգուցյալը, հարգարժան և մեծ կապեր ունեցող մարդ էր և ժամանակին չորս հազար հոգի ուներ...

— Ճիշտ այդպես, նրա անունը Նիկոլայ Անդրեևիչ Պավլիշչև էր,— և պատասխանելով, երիտասարդն ուշադիր ու հետաքրքրությամբ նայեց պարոն ամենագետին։

Այդ պարոն ամենագետները հանդիպում են երբեմն, նույնիսկ բավական հաճախ, որոշակի հասարակական խավում։ Նրանք ամեն ինչ գիտեն, նրանց մտքի ողջ անհանգիստ հետաքրքրասիրությունն ու ընդունակությունները անզսպելիորեն ուղղվում են մի կողմ, իհարկե, ավելի կարևոր կենսական շահերի ու հայացքների բացակայության պատճառով, ինչպես կասեր ժամանակակից խորհողը։ Ի դեպ, «ամեն ինչ գիտեն» ասելով պետք է հասկանալ բավական սահմանափակ բնագավառ․ որտեղ է ծառայում այսինչը, ում հետ է նա ծանոթ, ինչքան կարողություն ունի, որտեղ է նահանգապետ եղել, ում հետ է ամուսնացած, կնոջ օժիտն ինչքան է եղել, ով է նրան հորեղբոր տղա գալիս, ով մի պորտ ավելի հեռու և այլն, և այլն, բոլորը այս կարգի բաներ։ Մեծ մասամբ այդ ամենագետների արմունկները քրքրված են լինում, և նրանք ստանում են ամսական տասնյոթ ռուբլի ռոճիկ։ Մարդիկ, որոնց մասին նրանք գիտեն ամենաթաքուն գաղտնիքները, իհարկե, չէին կարողանա հասկանալ, թե ինչ շահեր են ղեկավարում այդ ամենագետներին, մինչդեռ նրանցից շատերը մի ամբողջ գիտության հավասարվող այդ իմացությամբ լիովին մխիթարված են, հասնում են ինքնահարգման և նույնիսկ հոգեկան գերագույն բավականության։ Համ էլ գայթակղիչ գիտություն է։ Ես տեսել եմ գիտնականների, գրականագետների, բանաստեղծների, քաղաքական գործիչների, որոնք իրենց բարձրագույն հաշտությունն ու նպատակները ձեռք էին բերում և ձեռք են բերել հենց այդ գիտության մեջ, նույնիսկ բացառապես դրանով են կարիերա արել։ Այդ ամբողջ խոսակցության ընթացքում թխադեմ երիտասարդը հորանջում էր, աննպատակ նայում լուսամուտից դուրս, և անհամբեր սպասում էր ճանապարհորդության վախճանին։ Նա մի տեսակ մտացրիվ էր, ինչ֊որ շատ մտացրիվ, գրեթե տագնապած, նույնիսկ մի տեսակ տարօրինակ էր դառնում. երբեմն լսում էր ու չէր լսում, նայում էր ու չէր նայում, ծիծաղում էր և հաճախ ինքն էլ չգիտեր ու չէր հասկանում, թե ինչի վրա է ծիծաղում։

— Բայց, ներեցեք, ո՞ւմ հետ պատիվ ունեմ․․․― հանկարծ դիմեց պզուկավոր պարոնը ձեռքին կապոց բռնած խարտյաշ երիտասարդին։

— Իշխան Լև նիկոլաևիչ Միշկին,― պատասխանեց նա լիակատար և անհապաղ պատրաստակամությամբ։

— Իշխան Միշկի՞ն։ Լև նիկոլաևի՞չ։ Չեմ ճանաչում։ Այնպես որ նույնիսկ լսած էլ չկամ,— մտմտալով պատասխանեց աստիճանավորը,— այսինքն՝ ես անվան մասին չեմ ասում. անունը պատմական անուն է, Կարամզինի պատմության մեջ կարելի է և պետք է գտնել։ Ես դեմքի մասին եմ ասում, և իշխան Միշկիններ էլ արդեն կարծես ոչ մի տեղ չեն հանդիպում, նույնիսկ համբավը լռել է։

— Օ, այլ կերպ չի էլ կարող լինել,— իսկույն պատասխանեց իշխանը,— իշխան Միշկիններ հիմա բոլորովին չկան, բացի ինձնից, ինձ թվում է, ես վերջինն եմ։ Ինչ վերաբերում է մեր հայրերին ու պապերին, ապա նրանք մենածուխ էլ էին լինում։ Ասենք, հայրս բանակի փոխպորուչիկ էր, յունկերներից։ Եվ ահա չգիտեմ, թե ինչպես է գեներալի կին Եպանչինան էլ Միշկին իշխանադուստրերից եղել, նույնպես իր ցեղի վերջինը...

— Հի՜֊հի՜-հի՜։ Իր ցեղի վերջինը։ Հի՜-հի՜, այդ ոնց շուռ տվիք,— հեգնանքով ծիծաղեց չինովնիկը։

Քմծիծաղ տվեց նաև թխադեմը։ Խարտյաշը փոքր-ինչ զարմացավ, որ իրեն հաջողվել էր, ի դեպ բավական վատ, բառախաղ ասել։

— Բայց պատկերացրեք, ես բոլորովին առանց մտածելու ասացի,— վերջապես բացատրեց նա զարմանքով։

— Դե հասկանալի է, հասկանալի է,— ուրախ համաձայնեց չինովնիկը։

— Այնտեղ պրոֆեսորի մոտ դուք գիտություններ է՞լ էիք սովորում, իշխան,— հանկարծ հարցրեց թխադեմը։

— Այո... սովորում էի...

— Իսկ ես ահա երբեք ոչ մի բան չեմ սովորել։

— Դե ես ինքս էլ միայն քիչ֊միչ,— ավելացրեց իշխանը համարյա ներողություն խնդրելով։— Հիվանդությանս պատճառով հնարավոր չէին համարում կանոնավոր սովորեցնել։

— Ռոգոժիններին ճանաչո՞ւմ եք,— արագ հարցրեց թխադեմը։

— Ոչ, բոլորովին չեմ ճանաչում։ Ախր ես Ռուսաստանում շատ քչերին եմ ճանաչում։ Այդ դո՞ւք եք Ռոգոժինը։

— Այո, ես եմ, Ռոգոժին Պարֆեն։

— Պարֆե՞ն։ Էդ էն Ռոգոժիններից չե՞ք, որ...— չափազանց լրջությամբ սկսեց չինովնիկը։

— Այո, էն, հենց էն Ռոգոժիններից,— արագ և անքաղաքավարի անհամբերությամբ ընդհատեց նրան թխադեմը, որը, ի դեպ, բոլորովին, ոչ մի անդամ չէր դիմել պզուկավոր չինովնիկին, այլ սկզբից ևեթ խոսում էր միայն իշխանի հետ։

— Բայց... էդ ո՞նց,— ապշելու աստիճան զարմացավ և համարյա աչքերը չռեց չինովնիկը, որի ամբողջ դեմքը անմիջապես սկսեց ինչ֊որ երկյուղած ակնածանքի ու ստորաքարշության, նույնիսկ վախեցած արտահայտություն ստանալ,— էդ էն Սեմյոն Պարֆենիչ Ռոգոժինի՞, տոհմական պատվավոր քաղաքացո՞ւ, որ մոտ մի ամիս առաջ մեռավ և երկուս ու կես միլիոն կապիտալ թողեց։

— Իսկ դու որտեղի՞ց իմացար, որ նա երկուս ու կես միլիոն զուտ կապիտալ է թողել,— ընդհատեց թխադեմը, այս անգամ էլ չինովնիկին չարժանացնելով իր հայացքին,— հլա տե՜ս (աչքով արավ իշխանին) մարդ իմանա՝ ի՞նչ շահ ունեն դրանից, որ իսկույն պոչ են դառնում։ Իսկ դա ճիշտ է, որ ահա ծնողս մեռել է, և ես մի ամիս անց Պսկովից համարյա անկոշիկ տուն եմ գնում։ Ոչ սրիկա եղբայրս, ոչ մայրս, ոչ փող, ոչ ծանուցում՝ ոչինչ չուղարկեցին։ Ոնց որ շանը։ Պսկովում տենդի մեջ մի ամբողջ ամիս պառկեցի...

— Իսկ հիմա միանգամից պիտի միլիոնից մի բան էլ ավելի ստանաք, և դա՝ առնվազն, օ տեր,— ձեռներն իրար խփեց չինովնիկը։

— Դե նրա՞ ինչ գործն է, ասացեք խնդրեմ,― գրգռված ու չար նորից նրա կողմը գլխով արավ Ռոգոժինը,— ախր ես քեզ մի կոպեկ էլ չեմ տա, թեկուզ այստեղ իմ առաջ գլխիդ վրա ման գաս։

— Եվ կգա՛մ, և մա՛ն կգամ։

— Մի տե՜ս։ Բայց ախր չեմ տա, չեմ տա, թեկուզ մի ամբողջ շաբաթ պար գաս։

— Եվ մի՛ տուր։ Ինձ տե՛ղն է. մի տուր։ Իսկ ես կպարեմ, Կնոջս, մանր երեխեքիս կթողնեմ, իսկ քո առաջ պար կգամ։ Սիրաշահեմ, սիրաշահեմ։

― Թո՛ւհ քեզ,— թքեց թխադեմը։— Հինգ շաբաթ առաջ ես ահա, ոնց որ դուք,— դիմեց նա իշխանին,— մի կապոց ձեռքիս ծնողիցս փախա Պսկով, հորաքրոջս մոտ. և տենդով պառկա այնտեղ, իսկ նա առանց ինձ մեռավ։ Կաթվածահար եղավ։ Աստված հանգուցյալի հոգին լուսավորի, բայց էն ժամանակ քիչ մնաց ինձ սպաներ։ Կհավատա՞ք, իշխան, է՛ն աստվածը։ Էն ժամանակ չփախչեի՝ տեղնուտեղը կսպաներ։

— Դուք նրան մի բանով բարկացրե՞լ էիք,— արձագանքեց իշխանը, մի որոշ առանձնահատուկ ուշադրությամբ դիտելով քուրքավոր միլիոնատիրոջը։ Եվ թեպետ կարող էր ուշադրության արժանի որևէ բան լինել բուն միլիոնի և ժառանգություն ստանալու մեջ, իշխանին զարմացրեց և հետաքրքրեց մի այլ բան ևս. Ռոգոժինն ինքն էլ չգիտես ինչու մի առանձին բավականությամբ իշխանին ընտրեց որպես զրուցակից, թեև կարծես զրույցի կարիքն զգում էր ավելի մեքենաբար, քան բարոյապես. մի տեսակ ավելի շուտ մտացրիվ լինելուց, քան թե պարզասրտությունից, տագնապից, հուզմունքից, միայն թե որևէ մեկին նայեր և որևէ բանի մասին լեզվին տար։ Թվում էր, թե մինչև հիմա նա տենդի մեջ է կամ, համենայն դեպս, ջերմում է։ Ինչ վերաբերում է չինովնիկին, ապա նա ուղղակի կախվել էր Ռոգոժինի գլխին, չէր համարձակվում շունչ քաշել, որսում ու կշռում էր ամեն մի խոսքը, կարծես ադամանդ էր որոնում։

— Բարկանալը բարկացել էր, և, գուցե, արժեր էլ,— պատասխանեց Ռոգոժինը,— բայց ամենից ավելի եղբայրս հոգիս հանեց։ Մայրիկիս մասին բան չունեմ ասելու, պառավ կին է, Չետյի֊Մինեի է կարդում, պառավների հետ է նստում, և ինչ որ Սենկա֊եղբայրս որոշի, այնպես էլ պետք է լինի։ Իսկ նա ինչո՞ւ ժամանակին ինձ իմաց չարավ։ Հասկանում ենք։ Ճիշտ է, որ էն ժամանակ գիտակցությունս տեղը չէր։ Ասում են նաև, որ հեռագիր են տված եղել։ Բայց արի տես, որ հեռագիրը հորաքրոջս է հասնում։ Իսկ նա էնտեղ երեսուն տարի է՝ այրի է և շարունակ գիշեր ու զօր կրոնախևրի հետ է նստում֊վեր կենում։ Միանձնուհի ասես՝ միանձնուհի չէ, բայց դրանից էլ մի բան ավելի է։ Դե հեռագրից վախենում է ու, առանց բացելու, ներկայացնում է ոստիկանատուն, էդպես էլ հեռագիրը մինչև հիմա էնտեղ ընկած մնում է։ Միայն Կոնևը՝ Վասիլի Վասիչիչը, նեղ տեղից ազատեց, ամեն ինչ գրեց։ Ծնողիս դագաղի դիպակե ծածկոցից, գիշերը, եղբայրս ձուլածո ոսկե ծոպերը կտրել է. «Դրանք, իբր, հրեն ի՜նչ փող արժեն»։ Բայց ախր հենց միայն դրա համար նա կարող է Սիբիր գնալ, եթե ես ուզենամ, որովհետև դա սրբապղծություն է։ Էյ դո՛ւ, խրտվիլա՛կ,— դիմեց նա չինովնիկին։— Ինչպե՞ս է օրենքով․ սրբապղծությո՞ւն է։

— Սրբապղծությո՜ւն է։ Սրբապղծությո՜ւն է,― անմիջապես համաձայնեց չինովնիկը։

— Դրա համար Սիբի՞ր է։

— Սիբիր է, Սիբի՛ր։ Տեղնուտեղը Սիբի՛ր։

— Նրանք կարծում են, թե ես դեռ հիվանդ եմ,― շարունակեց Ռոգոժինը իշխանին դառնալով,— իսկ ես, առանց մի խոսք ասելու, սուսուփուս, դեռ հիվանդ, վագոն նստեցի և գնում եմ։ Դարպասը բա՜ց արա, եղբայրս, Սեմյոն Սեմյո՜նիչ։ Նա հանգուցյալ ծնողիս մոտ ինձ զրպարտել է, ես գիտեմ։ Իսկ որ ես այն ժամանակ Նաստասյա Ֆիլիպովնայի պատճառով ծնողիս զայրացրի, այդ ճիշտ է։ Էստեղ արդեն մենակ ես եմ մեղավոր։ Չարը մոլորեցրեց։

— Նաստասյա Ֆիլիպովնայի՞ պատճառով,— քծնանքով հարցրեց չինովնիկը, կարծես թե ինչ-որ բան կռահելով։

— Դե ախր չգիտես,— անհամբեր նրա վրա բղավեց Ռոգոժինը։

— Տե՛ս որ գիտեմ,— հաղթականորեն պատասխանեց չինովնիկը։

— Մի տե՜ս։ Քի՞չ կան Նաստասյա Ֆիլիպովնաներ։ Եվ ինչ անպատկառ արարածն ես, ես քեզ կասեմ։ Դե, այդպես էլ գիտեի, որ ահա սրա նման մի որևէ արարած իսկույն պիտի կպչի ու պոկ չգա,― շարունակեց նա իշխանին դիմելով։

— Հենց գուցե և գիտեմ,— կուչ ու ձիգ էր անում չինովնիկը։— Լեբեդեը գիտի՜։ Դուք, ձերդ պայծառափայլություն, բարեհաճում եք ինձ նախատել, իսկ եթե ես ապացուցե՞մ։ Եթե հենց է՞ն Նաստասյա Ֆիլիպովնան է, որի պատճառով ձեր ծնողը ցանկացավ ձեր վրա ազդել բռնչու ցուպով, իսկ Նաստասյա Ֆիյիպովնան Բարաշկովա է, այսպես ասած նույնիսկ ազնվական տիկին է, և նույնիսկ յուրատեսակ իշխանուհի, իսկ հարաբերություն է պահպանում մի ոմն Տոցկու հետ, Աֆանասի Իվանովիչի, բացառապես նրա, որը կալվածատեր և գերկապիտալիստ է, միությունների ու ընկերությունների անդամ և այդ կապակցությամբ գեներալ Եպանչինի հետ սերտ ընկերություն է անում։

— Էհե՜, դու ահա՛ թե ինչ,— վերջապես իրոք զարմացավ Ռոգոժինը,— թո՛ւհ, գրողի տարած, ախր նա իսկապես որ գիտի։

— Ամե՜ն ինչ գիտի։ Լեբեդևը ամե՜ն ինչ գիտի։ Ես, ձերդ պայծառափայլություն, Լիխաչով Ալեքսաշկայի հետ էլ երկու ամիս ճամփորդում էի, և նույնպես ծնողի մահից հետո, և ամեն ինչ, այսինքն՝ բոլոր ծակուծուկերը գիտեմ, և բանն այնտեղ հասավ, որ առանց Լեբեդևի մի քայլ չէր անում։ Հիմա նա պարտապանների կալանատանն է գտնվում, իսկ էն ժամանակ և՛ Արմանսին, և՛ Կորալիային, և՛ իշխանուհի Պացկայային, և՛ Նաստասյա Ֆիլիպովնային ճանաչելու առիթն ունեցա, և ուրիշ շատ բաներ իմանալու էլ առիթ ունեցա։

— Նաստասյա Ֆիլիպովնայի՞ն։ Բայց մի՞թե նա Լիխաչովի հետ...— չարությամբ նրան նայեց Ռոգոժինը, նույնիսկ նրա շրթունքները սփրթնեցին ու դողացին։

— Ո֊ոչի՜նչ, Ո֊ո֊ոչի՜նչ։ Ոնց որ ո՛չ մի բա՜ն,— հանկարծ սթափվեց ու շտապ վրա բերեց չինովնիկը։— Այսինքն՝ ոչ մի տեսակ փողերով Լիխաչովը չկարողացավ մոտենալ։ Չէ, նա Արմանսը չէր։ Էստեղ մենակ Տոցկին է։ Եվ երեկոները Մեծ կամ թե ֆրանսիական թատրոնում իր սեփական օթյակում է նստում։ Շատ էլ թե սպաները իրար մեջ ինչ ասես խոսում են, բայց նրանք էլ ոչ մի բան ապացուցել չեն կարող․ «Ահա, իբր, սա էն Նաստասյա Ֆիլիպովնան է», և ուրիշ ոչինչ, իսկ դրանից հետո՝ ո՛չ մի բան։ Որովհետև ոչինչ էլ չկա։

— Այդ ամենը ահա հենց էդպես է,— մռայլ ու խոժոռած հաստատեց Ռոգոժինը,— այն ժամանակ Զալյոժովն էլ ինձ նույնն ասաց։ Ես այն ժամանակ, իշխան, հորս երեք տարվա բեկեշը հագիս վազելով կտրում էի Նևսկին, իսկ նա դուրս է գալիս խանութից, կառք է նստում։ Հենց էդտեղ էլ կրակն ընկավ ջանս։ Հանդիպում եմ Զայլոժովին, նա իմ թայը չէ, հագնվում է ոնց որ վարսավիրի գործակատար, աչքին էլ լոռնետ ունի, իսկ մենք մեր ծնողի մոտ ձիթած կոշիկ հագնելով ու պասուց շչի ուտելով էինք հայտնի։ Սա, ասում է, քո թայը չէ, սա, ասում է, իշխանուհի է, անունն էլ Նաստասյա Ֆիլիպովնա է, ազգանունը՝ Բարաշկովա, և ապրում է Տոցկու հետ, իսկ Տոցկին չգիտի, թե հիմա ոնց ազատվի նրա ձեռքից, որովհետև, իսկական տարիքն առել է, դարձել է հիսունհինգ և ուզում է ամբողջ Պետերբուրգում ամենաառաջին գեղեցկուհու հետ ամուսնանալ։ Այստեղ նա ինձ միտք ներշնչեց, թե հենց այսօր կարող ես Նաստասյա Ֆիլիպովնային Մեծ թատրոնում տեսնել, բալետում, իր օթյակում, բենուարում նստած կլինի։ Մեր տանը, ծնողիս մոտ, փորձիր բալետ գնալ, մի դատաստան կա՝ կսպանի՜։ Բայց ես գողտուկ մի ժամով գնացի և նորից տեսա Նաստասյա Ֆիլիպովնային. այն ամբողջ գիշերը չքնեցի։ Առավոտյան հանգուցյալն ինձ երկու հատ հինգտոկոսանոց տոմս է տալիս, ամեն մեկը հինգհազարանոց, գնա, ասում է, ծախիր, և յոթ հազար հինգ հարյուրը տար Անդրեևների գրասենյակը, վճարիր, իսկ տասը հազարի մնացորդը, առանց որևէ տեղ մտնելու, ինձ ներկայացրու, կսպասեմ քեզ։ Տոմսերը ես ծախեցի, փողն առա, բայց Անդրեևների գրասենյակը չմտա, այլ առանց դես ու դեն նայելու գնացի անգլիական խանութ և ամբողջ գումարին մի զույգ օղ ընտրեցի, ամեն մեկի վրա մեկական ադամանդ, էսպես, համարյա կաղինի մեծության կլինեն, չորս հարյուր ռուբլի պարտք մնացի, անունս ասացի՝ վստահեցին։ Զարդերն առա, գնացի Զալյոժովի մոտ. էսպես ու էսպես, եղբայր, գնանք Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ։ Գնացինք։ Թե ինչ կար այն ժամանակ ոտքերիս տակ, ինչ կար առջևումս, ինչ՝ կողքերիս, ոչինչ չգիտեմ ու չեմ հիշում։ Ուղղակի նրա դահլիճը մտանք։ Ինքը դուրս եկավ մեզ մոտ։ Ես, այսինքն այն ժամանակ չասացի, որ ես հենց ինքս եմ․ այլ «իբր, Պարֆեն Ռոգոժինից,— ասում է Զալյոժովը,— ձեզ ի հիշատակ երեկվա հանդիպման. բարեհաճեցեք ընդունել»։ Բաց արավ, նայեց, քմծիծաղ տվեց, «Շնորհակալություն հայտնեցեք, ասում է, ձեր բարեկամ պարոն Ռոգոժինին նրա սիրալիր ուշադրության համար», հրաժեշտ տվեց ու գնաց։ Դե, ահա ինչո՞ւ այնտեղ չմեռա հենց այն ժամանակ։ Եվ եթե գնացի էլ, նրա համար, որ մտածում էի․ «Միևնույն է, ողջ չեմ վերադառնա»։ Իսկ ամենավիրավորականն ինձ այն թվաց, որ այդ խարդախ Զալյոժովը ամեն ինչ իրեն վերագրեց։ Ես հասակով էլ փոքր եմ և հագնված եմ ոնց որ ծառա, և կանգնել լռել եմ, աչքերս պլշել եմ վրան, որովհետև ամաչում եմ, իսկ Զալյոժովը ամբողջովին մոդայով, մազերն օծած ու գանգրացրած, կարմրադեմ, փողկապը վանդակավոր, մի հաճոյախոսում է, մի ոտքերն է քստքստացնում, և երևի էստեղ Նաստասյա Ֆիլիպովնան նրան իմ տեղը դրեց։

«Դե,— ասում եմ նրան, հենց որ դուրս եկանք,— դու հիմա էստեղ մտքովդ էլ անցկացնել չհամարձակվես, հասկանո՞ւմ ես»։ Ծիծաղում է. «Բայց ասա տեսնեմ դո՞ւ հիմա ոնց ես Սեմյոն Պարֆենիչին հաշիվ տալու»։ Ես, ճիշտ որ, ուզում էի հենց այն ժամանակ ջուրն ընկնել, առանց տուն մտնելու, բայց մտածում եմ. «Ախար արդեն մեկ է», և անիծվածի պես տուն դարձա։

— Է՜խ։ Ո՜ւխ,— ծռմռվում էր չինովնիկը և նույնիսկ սարսուռ էր անցնում մարմնովը,— բայց ախար հանգուցյալը ոչ թե տասը հազարի, այլ տասը մանեթի համար էր այն աշխարհ ղրկում,— գլխով արավ նա իշխանին։ Իշխանը հետաքրքրությամբ դիտում էր Ռոգոժինին. թվում էր, նա այդ րոպեին ավելի ևս դժգույն էր։

― Այն աշխա՜րհ էր ղրկում,— կրկնեց Ռոգոժինը,— դու ի՞նչ գիտես։ Անմիջապես,— շարունակեց նա դիմելով իշխանին,— ամեն ինչ իմացավ, և Զալյոժովն էլ գնաց ամեն պատահածի մոտ դուրս տալու։ Վերցրեց ինձ ծնողս և վերևում փակեց, և մի ամբողջ ժամ խրատ էր տալիս. «Սա ես մենակ, ասում է, քեզ նախապատրաստում եմ, իսկ գիշերը մեկ էլ կգամ քեզ հրաժեշտ տալու»։ Ի՞նչ ես կարծում։ Ալևորը գնում է Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ, մինչև գետին գլուխ տալիս, լաց է լինում ու աղաչում․ վերջապես Նաստասյա Ֆիլիպովնան բերում է տուփը և նրան շպրտում․ «Ահա, ասում է, հալիվոր միրուք, քո ականջօղերը, իսկ ինձ համար հիմա դրանք տասն անգամ ավելի արժեն, եթե Պարֆենը դրանք քեզ պես ահ ու սարսափի ձեռքից է կորզել։ Բարևիր, ասում է, և շնորհակալություն հայտնիր Պարֆեն Սեմյոնիչին»։ Դե, իսկ ես այդ ժամանակ մայրիկիս օրհնությամբ Սերյոժկա Պրոտուշինից քսան մանեթ ճարեցի ու մեքենայով ճամփա ընկա Պսկով, բայց տեղ հասա տենդի մեջ. այնտեղ պառավներն սկսեցին վրաս սուրբ գիրք կարդալ, իսկ ես նստել եմ հարբած, և հետո վերջին փողերովս գնացի օղետները և ամբողջ գիշերը փողոցում անզգա ընկած մնացի, և առավոտվա կողմ արդեն տենդի մեջ էի, իսկ մինչ այդ՝ գիշերը դեռ շներն էլ գզգզել էին։ Հազիվհազ ուշքի եկա։

— Դեհ, դեհ, հիմա մեր Նաստասյա Ֆիլիպովնան կսկսի երգել,— ձեռքերը շփելով, քթի տակ ծիծաղում էր չինովնիկը,— հիմա, տեր իմ, օղերն ինչ է։ Հիմա էնպիսի՜ օղեր կհատուցենք...

— Բայց եթե թեկուզ մի անգամ Նաստասյա Ֆիլիպովնայի մասին մի խոսք ասես, ահա էն աստվածը, քեզ կձաղկեմ, շատ էլ որ Լիխաչովի հետ ճանապարհորդել ես,― բղավեց Ռոգոժինը, ամուր բռնելով նրա ձեռքը։

— Թե որ ձաղկես, նշանակում է չես էլ քշի։ Ձաղկիր։ Որ ձաղկես, դրանով էլ ինձ ընդունած կլինես... Ահա և հասանք։

Իրոք, մտնում էին կայարան։ Թեև Ռոգոժինն ասում էր, թե սուսուփուս է մեկնել, բայց նրան արդեն մի քանի հոգի սպասում էին։ Նրանք բղավում ու գլխարկներն էին թափահարում։

— Մի տե՜ս, Զալյոժովն էլ է էստեղ,— մրթմրթաց Ռոգոժինը, նրանց նայելով հաղթական և նույնիսկ կարծես չար ժպիտով, և հանկարծ դարձավ դեպի իշխանը։— Իշխան, ինձ անհայտ է, թե ինչու քեզ սիրեցի։ Գուցե այն պատճառով, որ մի այսպիսի րոպեի հանդիպեցի, բայց ահա նրան էլ հանդիպեցի (նա գլխով ցույց տվեց Լեբեդևին), բայց ախր չսիրեցի նրան։ Անցիր ինձ մոտ, իշխան։ Մենք էդ շտիբլետիկներդ ոտներիցդ կհանենք, քեզ կզաքիսե մորթուց ընտիր մուշտակ կհագցնեմ․ քեզ ընտիր ֆրակ կկարեմ, սպիտակ ժիլետկա, կամ ինչպես որ կուզես, գրպաններդ լիքը փող կլցնեմ ու․․․ Գնանք Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ։ Կգնա՞ս, թե չէ։

— Ականջ արեք, իշխան Լև Նիկոլաևիչ,— ազդու և հանդիսավոր հարեց Լեբեդևը։— Օյ, առիթը մի փախցրեք։ Օյ, մի փախցրեք...

Իշխան Միշկինը տեղից փոքր-ինչ բարձրացավ, քաղաքավարությամբ ձեռքը պարզեց Ռոգոժինին և սիրալիր ասաց նրան․

— Մեծագույն բավականությամբ կգամ և շատ շնորհակալ եմ ձեզնից, որ ինձ սիրեցիք։ Կարող է պատահել նույնիսկ այսօր գամ, եթե հասցնեմ։ Այն պատճառով, անկեղծ ասեմ ձեզ, որ ինքներդ ինձ շատ դուր եկաք և հատկապես երբ պատմեցիք ադամանդե օղերի մասին։ Նույնիսկ օղերից առաջ էլ դուր եկաք, թեև մռայլ դեմք ունեք։ Շնորհակալ եմ ձեզնից նաև խոստացած հագուստների համար, որովհետև իրոք ինձ շուտով հագուստը և մուշտակը պետք կլինի։ Իսկ փող այս րոպեին համարյա ոչ մի կոպեկ չունեմ։

— Փող կունենաս, երեկոյան կողմ կունենաս, եկ։

— Կունենաք, կունենաք,— կրկնեց չինովնիկը,— երեկոյան կողմ, դեռ մինչև մթնշաղը կունենաք։

— Իսկ կանացի սեռի մե՞ծ սիրահար եք, իշխան։ Առաջուց ասացեք։

— Ես, ո-ո֊ոչ։ Ես... Դուք գուցե չգիտեք, ախար ես իմ բնածին հիվանդության պատճառով նույնիսկ բոլորովին ծանոթ չեմ կանանց։

— Դե որ այդպես է,— բացականչեց Ռոգոժինը,— դուրս է գալիս, իշխան, որ դու բոլորովին խև ես, և քեզպեսներին աստված սիրում է։

— Եվ էդպիսիներին տեր աստված սիրո՜ւմ է,— կրկնեց չինովնիկը։

— Իսկ դու հետևս ընկիր, մանրուք,— ասաց Ռոգոժինը Լեբեդևին, և բոլորը դուրս եկան վագոնից։

Լեբեդևը վերջը նպատակին հասավ։ Շուտով աղմկոտ խումբը հեռացավ Վոզնեսենսկի պողոտայի ուղղությամբ։ Իշխանը պետք է թեքվեր դեպի Լիտեյնայա փողոցը։ Խոնավ ու թաց էր. իշխանը հարցուփորձ արեց անցորդներին. մինչև նրա անցնելիք ճանապարհի վերջը դուրս էր գալիս մոտ երեք վերստ, և նա որոշեց կառք վերցնել։


II

Գեներալ Եպանչինն ապրում էր իր սեփական տանը, Լիտեյնայայից մի քիչ այն կողմ, դեպի Փրկչի Պայծառափայլության եկեղեցու կողմը։ Բացի այդ (սքանչելի) տնից, որի հինգ վեցերորդը վարձով էր տրվում, գեներալ Եպանչինը մի հսկայական տուն էլ ուներ Սադովայա փողոցի վրա, որը նույնպես արտակարգ եկամուտ էր բերում։ Բացի այդ երկու տներից, Պետերբուրգի հենց մերձակայքում ուներ մի չափազանց շահավետ ու աչքի ընկնող կալվածք. Պետերբուրգի գավառում մի ինչ֊որ ֆաբրիկա էլ ուներ։ Անցյալում գեներալ Եպանչինը, ինչպես բոլորին հայտնի էր, մասնակցում էր վարձակալություններին։ Այժմ նա մասնակցում էր և չափազանց նշանակալից ձայն ուներ մի քանի պատկառելի ակցիոներական ընկերություններում։ Նա մեծ գումարների, մեծ զբաղմունքների և մեծ կապերի տեր մարդու համբավ էր վայելում։ Որոշ տեղերում նա դարձել էր միանգամայն անհրաժեշտ, ի միջի այլոց նաև իր պաշտոնավայրում։ Մինչդեռ հայտնի էր նաև, որ Իվան Ֆյոդորովիչ Եպանչինը կրթություն չստացած մարդ է և ծագումով զինվորի զավակ. վերջինս, անտարակույս, միայն նրա պատվին կարող էր վերաբերվել, բայց գեներալը, թեև խելացի մարդ էր, միևնույն ժամանակ փոքրիկ, միանգամայն ներելի, թուլություններ ուներ և չէր սիրում որոշ ակնարկներ։ Բայց անվիճելի էր, որ նա խելացի ու ճարպիկ մարդ էր։ Նա, օրինակ, չցուցադրվելու, որտեղ հարկն է՝ աննկատելի դառնալու սիստեմ ուներ և նրան շատերը գնահատում էին հենց պարզության համար, հենց այն բանի համար, որ նա միշտ գիտեր իր տեղը։ Մինչդեռ, եթե միայն իմանային այդ դատավորները, թե երբեմն ի՛նչ է կատարվում Իվան Ֆյոդորովիչի հոգում, որն այնքան լավ գիտեր իր տեղը։ Թեև իրոք առօրյա գործերում նա թե՛ պրակտիկա, թե՛ փորձ ուներ և մի քանի շատ նշանակալի ընդունակություններ, բայց սիրում էր իրեն ցուցադրել ավելի շուտ որպես ուրիշի կամքը կատարող, քան սեփական կամքի տեր, «առանց շողոքորթության նվիրված» մարդ, և — ո՞ւր չի հասնում դարը — ռուս և սիրալիր մարդ։ Վերջին տեսակետից նրան նույնիսկ մի քանի զավեշտական անեկդոտներ են պատահել. բայց գեներալը երբեք չէր վհատում, նույնիսկ ամենազվարճալի անեկդոտների դեպքում, ընդսմին նրա բանն աջողում էր նույնիսկ թղթախաղում, իսկ նա խաղում էր չափազանց խոշոր գումարով և նույնիսկ դիտավորյալ ոչ միայն չէր ուզում թաքցնել իր այդ փոքրիկ իբր թե թուլությունը դեպի խաղաթուղթը, որն այնպես էականորեն և շատ դեպքերում էր նրան պետք եկել, այլև ցուցադրում էր այն։ Նա պատկանում էր խառն հասարակությանը, հասկանալի է, համենայն դեպս՝ «տուզերի» հասարակությանը։ Բայց ամեն ինչ առջևում էր, ժամանակը ներում էր, ժամանակն ամեն ինչ ներում էր և ամեն ինչ գալու էր ժամանակի ընթացքում և իր կարգով։ Եվ գեներալ Եպանչինի տարիքն էլ, ինչպես ասում են, լիակատար ծաղկման շրջանում էր, այսինքն՝ հիսունվեց տարեկան և բնավ ոչ ավելի, որը համենայն դեպս ծաղկուն հասակ է, մի հասակ, որից իսկապես սկսվում է իսկական կյանքը։ Առողջությունը, դեմքի գույնը, ամուր, թեև սև, ատամները, ամրակազմ, կուռ կազմվածքը, դեմքի մտահոգ արտահայտությունը առավոտյան պաշտոնավայրում, զվարթ արտահայտությունը երեկոյան թղթախաղի Ժամանակ կամ նորին պայծառափայլության մոտ՝ ամեն ինչ նպաստում էր նորին գերազանցության ներկա և ապագա հաջողություններին և վարդեր սփռում նրա կյանքի ճանապարհին։

Գեներալը ծաղկափթիթ ընտանիք ուներ։ Ճիշտ է, այստեղ արդեն ամեն ինչ վարդ չէր, բայց փոխարենը շատ այնպիսի բան էլ կար, որի վրա արդեն վաղուց էին սկսել լրջորեն ու սրտանց կենտրոնանալ նորին գերազանցության ամենագլխավոր հույսերն ու նպատակները։ Եվ ի՞նչը, կյանքում ո՞ր նպատակն է ծնողական նպատակներից ավելի սրբազան ու կարևոր։ Ինչի՞ց պետք է կառչել, եթե ոչ ընտանիքից։ Գեներալի ընտանիքը բաղկացած էր կնոջից և երեք հասուն աղջիկներից։ Գեներալն ամուսնացել էր շատ վաղուց, երբ դեռ պորուչիկի աստիճան ուներ, գրեթե իրեն հասակակից աղջկա հետ, որը ոչ գեղեցկություն ուներ, ոչ կրթություն, որից որպես օժիտ նա ստացել էր ընդամենը հիսուն հոգի, բայց ճիշտ է, որ հենց դրանք էին հիմք ծառայել նրա հետագա բախտի: Բայց գեներալը հետագայում երբեք չէր տրտնջացել իր վաղաժամ ամուսնության համար, երբեք քամահրանքով չէր մոտեցել այդ ամուսնությանը, որպես պատանության անհաշվենկատ հափշտակության և իր կնոջն այնքան էր հարգում և երբեմն այնքան էր վախենում նրանից, որ նույնիսկ սիրում էր։ Գեներալի կինը Միշկինների իշխանական տոհմից էր, թեև ոչ փայլուն, բայց չափազանց հնամենի տոհմից, և իր ծագման համար չափազանց հարգում էր իրեն։ Այն Ժամանակվա ազդեցիկ անձերից մեկը, մեկն այն հովանավորներից, որոնց համար, ի դեպ, հովանավորելը ոչինչ չարժի, համաձայնեց հետաքրքրվել երիտասարդ իշխանադստեր ամուսնությամբ։ Նա երիտասարդ սպայի առաջ բացեց դարպասի դռները և նրան հրեց ներս, իսկ սրան նույնիսկ ոչ թե հրել էր պետք, այլ միայն մի հայացք, զուր չէր կորչի։ Աննշան բացառություններով, ամուսիններն իրենց երկարատև հոբելյանի ամբողջ ժամանակն ապրել էին համերաշխ։ Դեռևս շատ երիտասարդ տարիքում գեներալի կինը որպես տոհմիկ իշխանադուստր և տոհմի վերջին, իսկ գուցե և իր անձնական հատկությունների շնորհիվ, կարողանում էր իր համար գտնել շատ բարձր հովանավորուհիներ, հետագայում, իր ամուսնու հարստության և պաշտոնական դիրքի պայմաններում նա սկսեց այդ բարձր շրջանակում նույնիսկ փոքր-ինչ ընտելանալ։

Այդ վերջին տարիները մեծացան ու հասունացան գեներալի բոլոր երեք դուստրերը՝ Ալեքսանդրան, Ադելաիդան, Ագլայան։ Ճիշտ է, բոլոր երեքն էլ միայն Եպանչինա էին, բայց մոր կողմից իշխանական տոհմից էին, ոչ փոքր օժիտով, այնպիսի հորով, որը հետագայում, գուցե և շատ բարձր պաշտոնի հավակնորդ էր, և, որ նույնպես բավական կարևոր է, բոլոր երեքն էլ զարմանալի գեղեցիկ էին, չբացառելով նաև ավագին, Ալեքսանդրային, որի քսանհինգն արդեն անցել էր։ Միջնեկը քսաներեք տարեկան, էր, իսկ կրասերի՝ Ագլայայի քսան տարին նոր էր լրացել։ Այս կրտսերն արդեն նույնիսկ բոլորովին գեղեցկուհի էր և սկսել էր բարձր հասարակության մեջ ուշադրություն հրավիրել իր վրա։ Բայց այդ էլ դեռ բոլորը չէր. բոլոր երեքն էլ աչքի էին ընկնում կրթությամբ, խելքով ու տաղանդներով։ Հայտնի էր, որ նրանք զարմանալի սիրում էին միմյանց և մեկը մյուսին աջակցում էր։ Հիշատակվում էր նույնիսկ երկու ավագ քույրերի ինչ֊որ զոհաբերության մասին հօգուտ ընտանիքի ընդհանուր կուռքի՝ կրտսերի։ Հասարակության մեջ նրանք ոչ միայն չէին սիրում ցուցադրվել, այլ նույնիսկ չափազանց համեստ էին։ Ոչ ոք նրանց չէր կարող կշտամբել մեծամտության ու գոռոզության մեջ, մինչդեռ գիտեին, որ նրանք հպարտ են և իրենց հարգը հասկանում են։ Ավագը երաժշտուհի էր, միջնեկը՝ հիանալի նկարիչ, բայց այդ մասին երկար տարիներ գրեթե ոչ ոք չգիտեր և դա բացվեց միայն ամենավերջին ժամանակներս, այն էլ պատահաբար։ Մի խոսքով, նրանց մասին չափազանց շատ գովաբանական բաներ էին խոսվում։ Բայց կային և չարկամներ։ Սարսափով էր խոսվում այն մասին, թե նրանք ինչքան գիրք են կարդացել։ Նրանք չէին շտապում ամուսնանալ, հասարակության մի որոշ շրջանակ թանկ էին գնահատում, բայց և այնպես ոչ այնքան։ Դա առավել ևս ուշագրավ էր, որովհետև բոլորը գիտեին նրանց հոր ուղղությունը, բնավորությունը, նպատակներն ու ցանկությունները։

Արդեն ժամը տասնմեկին մոտ էր, երբ իշխանը քաշեց գեներալի տան դռան զանգը։ Գեներալն ապրում էր երկրորդ հարկում և զբաղեցնում էր, ըստ հնարավորին, համեստ, թեև իր կշռին համապատասխան շենք։ Իշխանի առաջ դուռը բացեց լիվրե հագած մի սպասավոր, և նա պետք է շատ երկար բացատրություն տար այդ մարդուն, որը հենց սկզբից ևեթ կասկածանքով էր նայում իշխանին ու նրա կապոցին։ Վերջապես բազմակի ու որոշակի հայտարարություններից հետո, որ նա իրոք իշխան Միշկինն է և որ ինքը կարևոր գործով անպայման պետք է տեսնի գեներալին, տարակուսած սպասավորը նրան տարավ կողքի փոքրիկ նախասենյակը, հենց կաբինետի ընդունարանի մոտ, և ձեռքից ձեռք նրան հանձնեց մի ուրիշ սպասավորի, որն առավոտները հերթապահում էր այդ նախասենյակում և գեներալին զեկուցում այցելուների մասին։ Այդ մյուս սպասավորը ֆրակ էր հագած, ուներ քառասունամյա ծառայության կրծքանշան ու մտահոգ դեմք և նորին գերազանցության հատուկ կաբինետային սպասարկուն ու զեկուցողն էր, որի հետևանքով էլ գիտեր իր արժեքը։

— Սպասեցեք ընդունարանում, իսկ կապոցն այստեղ թողեք,— ասաց նա, դանդաղ ու փքված նստելով իր բազկաթոռին և խստահայաց զարմանքով նայեց իշխանին, որը տեղավորվել էր հենց այդտեղ, նրա կողքի աթոռի վրա, կապոցը ձեռքին։

— Եթե թույլ կտաք,— ասաց իշխանը,— ավելի լավ է, սպասեի այստեղ ձեզ հետ, թե չէ այնտեղ մենակ ի՞նչ անեմ։

— Նախասենյակում չի կարելի, որովհետև դուք այցելու եք, այլ կերպ՝ հյուր։ Դուք հենց գեներալի՞ն եք ուզում տեսնել։

Սպասավորը ըստ երևույթին չէր կարող հաշտվել այդպիսի այցելուին ներս թողնելու մտքի հետ և որոշեց մի անգամ էլ հարցնել նրան։

— Այո, ես գործ ունեմ...— սկսեց իշխանը։

— Ես ձեզ չեմ հարցնում, թե ինչ գործ է, իմ գործը միայն ձեր մասին զեկուցելն է։ Իսկ առանց քարտուղարի, ես ասացի, չեմ գնա ձեր մասին զեկուցելու։

Այդ մարդու կասկածամտությունը, թվում է, գնալով ավելանում էր. իշխանը խիստ տարբերվում էր ամենօրյա այցելուների կարգից, ու թեև գեներալը բավական հաճախ, գրեթե ամեն օր, որոշված ժամին ստիպված էր լինում ընդունել, հատկապես գործով, երբեմն նույնիսկ շատ բազմազան հյուրերի, բայց հակառակ սովորության և բավական ընդարձակ հրահանգի, կամերդիները մեծ կասկածի մեջ էր. զեկուցելու համար քարտուղարի միջնորդությունն անհրաժեշտ էր։

— Բայց դուք իսկապե՞ս... արտասահմանից եք,— մի տեսակ ակամա հարցրեց նա վերջապես, և շփոթվեց, գուցե նա ուզում էր հարցնել. «Բայց դուք իսկապե՞ս իշխան Միշկինն եք»։

— Այո, հենց նոր եմ վագոնից իջել։ Ինձ թվում է, դուք ուզում եք հարցնել իրո՞ք ես իշխան Միշկինն եմ, բայց չհարցրիք քաղաքավարությունից։

— Հըմ...— բառաչեց զարմացած լակեյը։

— Հավատացնում եմ ձեզ, որ չեմ խաբել և դուք իմ փոխարեն պատասխանատու չեք լինի։ Իսկ որ ես այս տեսքով եմ և կապոցը ձեռքիս, այստեղ զարմանալու բան չկա. ներկայումս իմ հանգամանքները լավ չեն։

— Հըմ։ Գիտեք, ես դրանից չեմ վախենում։ Զեկուցել ես պարտավոր եմ, և ձեզ մոտ կգա քարտուղարը, բացի այն դեպքից, եթե դուք... Ահա հենց բանն էլ էն է, որ բացի այն դեպքից... Դուք չքավորության պատճառով գեներալի մոտ խնդրելու չե՞ք եկել, համարձակվում եմ, եթե կարելի է իմանալ։

— Օ, ոչ, դրանում միանգամայն համոզված եղեք։ Ես ուրիշ գործեր ունեմ։

— Դուք ինձ ներեցեք. ես ձեր տեսքին նայելով հարցրի։ Սպասեցեք քարտուղարին, ինքն հիմա զբաղված է գնդապետի հետ, իսկ հետո կգա և քարտուղարը... ընկերական է։

— Ուրեմն, եթե երկար եմ սպասելու, ապա կխնդրեի ձեզ. չի՞ կարելի այստեղ որևէ տեղ ծխել։ Ծխամորճս ու թութունս հետս են։

— Ծը-խե-ե՞լ,— արհամարհական տարակուսանքով աչքերը նրա վրա բարձրացրեց կամերդիները, կարծես թե ականջներին դեռ չհավատալով,— ծխե՞լ։ Ոչ, ձեզ չի կարելի ծխել, համ էլ ձեզ ամոթ է դա մտքներումդ ունենալ։ Հե՜... զարմանք բան։

— Օ, ախար ես չխնդրեցի այս սենյակում. ախար ես գիտեմ, ես դուրս կգայի որևէ տեղ, ուր որ ասեիք, որովհետև ես սովոր եմ, բայց ահա երեք ժամ է չեմ ծխել։ Ասենք, ինչպես կուզեք, և, գիտե՞ք, մի առած կա. ուրիշի վանքը...

— Դե ես ինչպե՞ս զեկուցեմ ձեզ նման մարդու մասին,— գրեթե ակամա քրթմնջաց կամերդիները։— Առաջինն այն է, որ ձեզ նույնիսկ վայել չէ այստեղ գտնվել, այլ պետք է ընդունարանում նստեք, որովհետև դուք ինքներդ այցելուի կարգին եք պատկանում, այլ կերպ ասած՝ հյուր եք և ինձնից պատաոխան կպահանջեն... բայց էդ ի՞նչ, մտադիր եք մեզ մո՞տ ապրել, թե ոնց,— ավելացրեց նա, մի անգամ էլ խեթ նայելով իշխանի կապոցին, որն ըստ երևույթին նրան հանգիստ չէր տալիս։

— Ոչ, չեմ կարծում։ Նույնիսկ եթե հրավիրեն, էլի չեմ մնա։ Ես ուղղակի եկել եմ ծանոթանալու և ուրիշ ոչինչ։

— Ինչպե՞ս։ Ծանոթանալո՞ւ,— զարմանքով ու եռապատկված կասկածանքով հարցրեց կամերդիները,— բա ինչպե՞ս սկզբում ասացիք, թե գործով եք եկել։

— Օ, համարյա թե ոչ գործով։ Այսինքն, եթե ուզում եք, մի գործ կա, այնպես, ուղղակի խորհուրդ պիտի հարցնեմ, բայց գլխավորապես, ծանոթանալու համար, որովհետև ես իշխան Միշկին եմ, իսկ գեներալի կինը՝ Եպանչինան, նույնպես Միշկին իշխանադուստրերից վերջինն է, և բացի ինձանից ու նրանից, ուրիշ Միշկիններ այլևս չկան։

— Ուրեմն դուք դեռ ազգական է՞լ եք,— ցնցվեց արդեն գրեթե բոլորովին վախեցած սպասավորը։

— Այդ էլ համարյա թե ոչ։ Ասենք, եթե ձգելու լինենք, իհարկե, ազգականներ ենք, բայց այնքան հեռավոր, որ իսկապես նույնիսկ չենք կարող համարվել։ Ես արտասահմանից մի անգամ նամակով դիմել էի գեներալի կնոջը, բայց նա չպատասխանեց։ Այնուամենայնիվ ես հարկ համարեցի վերադառնալուց հետո կապեր հաստատել։ Իսկ ձեզ այս բոլորը հիմա բացատրում եմ, որպեսզի չկասկածեք, որովհետև տեսնում եմ, որ դուք դեռ անհանգստանում եք. զեկուցեցեք, որ իշխան Միշկինն է և հենց զեկույցի մեջ կերևա իմ այցելության պատճառը։ Կընդունեն՝ լավ, չեն ընդունի՝ նույնպես, գուցե շատ լավ։ Միայն կարծում եմ, չեն կարող չընդունել, գեներալի կինն իհարկե կուզենար տեսնել իր տոհմի ավագ և միակ ներկայացուցչին, իսկ նա իր ցեղը շատ է գնահատում, ինչպես ստույգ իմացել եմ նրա մասին։

Թվում էր, թե իշխանի խոսակցությունն ամենապարզ խոսակցություն էր, բայց որքան պարզ էր, այնքան էլ ավելի անհեթեթ էր դառնում տվյալ դեպքում, և փորձված կամերդիները չէր կարող չզգալ ինչ֊որ մի բան, որը միանգամայն վայելուչ է, երբ մարդ խոսում է մարդու հետ և միանգամայն անվայելուչ է, երբ հյուրը խոսում է _սպասավորի_ հետ։ Իսկ քանի որ սպասավորները շատ ավելի խելացի են, քան սովորաբար նրանց մասին կարծում են նրանց տերերը, ապա կամերդին մտքովն էլ անցավ, որ այստեղ երկու բան կա՝ կամ իշխանը մի որևէ ցոփ ու անառակի մեկն է և անպայման եկել է աղքատություն անելու, կամ իշխանը ուղղակի հիմար է և պատվազգացություն չունի, որովհետև խելացի ու պատվազգաց իշխանը չէր նստի նախասենյակում և իր գործերի մասին սպասավորի հետ խոսի, և ուրեմն, թե մեկ և թե մյուս դեպքում ինքը ստիպված չէ՞ր նրա համար պատասխան տալ։

— Բայց, համենայն դեպս, լավ կլիներ ընդունարան բարեհաճեիք,— նկատեց նա ըստ հնարավորին հաստատակամ։

— Եթե այնտեղ նստած լինեի, այս ամենը ձեզ բացատրած չէի լինի,— ուրախ ծիծաղեց իշխանը,— և, նշանակում է, իմ թիկնոցին ու կապոցին նայելով դուք մինչև հիմա պիտի անհանգստանայիք։ Իսկ հիմա գուցե կարիք էլ չկա, որ քարտուղարին սպասեք, այլ գնացեք ու ինքներդ զեկուցեցեք։

— Ես ձեզ նման այցելուի մասին առանց քարտուղարի զեկուցել չեմ կարող, համ էլ դուք ինքներդ, հատկապես քիչ առաջ, պատվիրեցիք ոչ ոքի համար նրան չանհանգսաացնել, քանի գնդապետն այնտեղ է, իսկ Գավրիլա Արդալիոնովիչը առանց զեկուցելու է գնում։

— Չինովնի՞կը։

— Էդ Գավրիլա Արդալիոնովի՞չը։ Ոչ։ Նա իր կողմից Ընկերության մեջ է ծառայում։ Գոնե կապոցը հրեն էստեղ դրեք։

— Ես արդեն դրա մասին մտածում էի. եթե թույլ կտաք։ Եվ, գիտե՞ք, թիկնոցս էլ կհանեմ։

— Իհարկե, հո թիկնոցով չե՞ք մտնելու նրա մոտ։

Իշխանը վեր կացավ, շտապով թիկնոցը հանեց վրայից և մնաց բավականին վայելուչ և լավ կարած, թեև արդեն մաշված պիջակով։ Ժիլետի վրա ձգվում էր մի պողպատե շղթայիկ։ Շղթայից կապված էր ժնևյան արծաթե ժամացույց։

Թեև իշխանը հիմար էր,— սպասավորն արդեն այդպես էր եզրակացրել,— բայց և այնպես գեներալի կամերդիներին վերջապես անվայելուչ թվաց իր կողմից խոսակցությունը շարունակել այցելուի հետ, չնայած նրան, որ իշխանը չգիտես ինչու նրան դուր էր զալիս, իհարկե, յուրովի։ Բայց մյուս տեսակետից նա նրա մեջ վճռական ու կոպիտ զայրույթ էր աոաջացնում։

— Իսկ գեներալի կինը ե՞րբ է ընդունում,— հարցրեց իշխանը, նորից Նստելով առաջվա տեղը։

— Այդ արդեն իմ գործը չի։ Ընդունում են տարբեր, նայած դեմքին։ Դերձակուհուն տասնմեկին էլ է թույլ տալիս։ Գավրիլա Արդալիոնովիչին էլ մյուսներից վաղ են թույլ տալիս, նույնիսկ վաղ նախաճաշին են թույլ տալիս։

— Այստեղ ձմեռը ձեր սենյակներն ավելի տաք են, քան արտասահմանում,— նկատեց իշխանը,— բայց այնտեղ փողոցներում ավելի տաք է, քան մեզ մոտ, իսկ նրանց տներում ձմեռը ռուս մարդը անսովորությունից նույնիսկ ապրել չի կարող։

— Չե՞ն վառում։

— Այո, և տներն էլ ուրիշ տեսակ են սարքած, այսինքն վառարաններն ու լուսամուտները։

— Հըմ։ Իսկ երկա՞ր ժամանակ եք բարեհաճել ճամփորդել։

— Չորս տարի։ Ասենք, ես համարյա շարունակ նույն տեղում էի նստած, գյուղում։

— Մեր ռուսականից ե՞տ եք վարժվել։

— Այդ էլ ճիշտ է։ Կհավատա՞ք, զարմանում եմ ինքս ինձ վրա, թե ինչպես չեմ մոռացել ռուսերեն խոսել։ Ահա հիմա խոսում եմ ձեզ հետ, իսկ ինքս մտածում եմ. «Չէ, վատ չեմ խոսում»։ Ես, գուցե, հենց դրա համար էլ այսքան շատ եմ խոսում։ Ճիշտ, երեկվանից շարունակ ուզում եմ ռուսերեն խոսել։

— Հը՛մ։ Հե՛։ Իսկ Պետերբուրգում առաջ ապրե՞լ եք։ (Ինչքան էլ իրեն զսպում էր սպասավորը, բայց անհնար էր չշարունակել այդպիսի բարեկիրթ ու քաղաքավարի խոսակցությունը)։

— Պետերբուրգո՞ւմ։ Համարյա բոլորովին ոչ, այնպես, ուղղակի անցողակի։ Առաջ էլ այստեղ ոչինչ չգիտեի, իսկ հիմա, լսել եմ, այնքան նոր բան կա, որ, ասում են, ով որ էլ գիտեր, նորից֊նոր ճանաչել է սովորում։ Այստեղ հիմա դատարանների մասին շատ են խոսում։

— Հը՛մ... դատարանները։ Դատարանները՝ էդ ճիշտ է, որ դատարանները։ Իսկ ինչ, էնտեղ ինչպե՞ս է, դատարանում ավելի արդա՞ր է, թե չէ։

— Չգիտեմ։ Ես մերոնց մասին շատ եմ լավ բաներ լսել։ Ահա էլի մեզ մոտ մահապատիժ չկա։

— Իսկ այնտեղ մահվան դատապարտո՞ւմ են։

— Այո։ Ես Ֆրանսիայում եմ տեսել, Լիոնում։ Ինձ Շնեյդերն է իր հետ այնտեղ տարել։

— Կախո՞ւմ են։

— Ոչ, Ֆրանսիայում միշտ գլխատում են։

— Իսկ բղավո՞ւմ է։

— Որտեղի՜ց։ Մի վայրկյան է։ Մարդուն դնում են, և մեքենայի վրայով ընկնում է մի էսպիսի լայն դանակ, ծանր, ուժեղ, գիլյոտին է կոչվում... Գլուխն այնպես է թռչում, որ աչքդ չես հասցնում թարթել։ Նախապատրաստություններն են ծանր։ Այ, երբ հայտարարում են վճիռը, պատրաստում են, կապում, կառափնարան բարձրացնում, այ այստեղ սարսափելի է։ Ժողովուրդը հավաքվում է, նույնիսկ կանայք, թեև այնտեղ չեն սիրում, որ կանայք նայեն։

— Նրանց բանը չէ։

— Իհարկե։ Իհարկե։ Այդպիսի՜ տանջանք... Հանցագործը խելացի մարդ էր, անվախ, ուժեղ, տարեց, Լեգրո էր ազգանունը։ Ահա, ես ձեզ ասում եմ, ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, երբ կառափնարան էր բարձրանում, լալիս էր, թղթի պես ճերմակ էր։ Մի՞թե դա հնարավոր է։ Մի՞թե սարսափելի չէ։ Դե, ո՞վ է վախից լաց լինում։ Մտքովս էլ չէր անցնում, թե վախից կարող է լաց լինել ոչ երեխան, մի մարդ, որը երբեք լաց չի եղել, որ քառասունհինգ տարեկան է։ Այդ րոպեին ի՞նչ է կատարվում հոգու հետ, ի՞նչ ցնցումների են հասցնում նրան։ Կոպիտ ծաղր է հոգու նկատմամբ, ուրիշ ոչինիչ։ Ասված է. «Մի սպանաներ», ուրեմն նրա համար, որ սպանել է, նրան է՞լ պետք է սպանել։ Ոչ, այդ չի կարելի։ Ահա ես դա տեսել եմ արդեն մի ամիս առաջ, իսկ մինչև հիմա կարծես աչքիս առաջ է։ Մի հինգ անգամ երազիս է եկել։

Իշխանը նույնիսկ ոգևորվեց խոսելիս, նրա դալուկ դեմքին թեթև կարմրություն երևաց, թեև խոսվածքը առաջվա պես մեղմ էր։ Կամերդիները համակրական հետաքրքրությամր հետևում էր նրան, այնպես, որ կարծես չէր ուզում կտրվել, գուցե նա էլ երևակայության տեր և խորհել փորձող մարդ էր։

— Դեռ լավ է, որ տանջանքը քիչ է,— նկատեց նա,— երբ գլուխը թռչում է։

— Գիտե՞ք ինչ,— տաք-տաք վրա բերեց իշխանը,— ահա դուք նկատեցիք դա, և ճիշտ այդպես բոլորն էլ նկատում են, ինչպես դուք, և մեքենան դրա համար է հնարված, գիլյոտինը։ Իսկ իմ գլխով այն ժամանակ մի միտք անցավ. իսկ եթե դա նույնիսկ ավելի վա՞տ է։ Սա ձեզ համար ծիծաղելի է, սա ձեզ տարօրինակ է թվում, բայց որոշ երևակայության դեպքում նույնիսկ այդպիսի միտք է ծագում։ Մտածեցեք. եթե, օրինակ, խոշտանգում է. այդ դեպքում տառապանքն ու վերքերը, տանջանքը մարմնական է, և, հետևապես, այդ բոլորը ուշադրությունը շեղում է հոգեկան տանջանքից, այնպես որ մինչև մեռնելդ միայն վերքերիցդ ես տանջվում։ Իսկ չէ որ գլխավորը, ամենաուժեղ ցավը, գուցե, վերքերը չեն, այլ ահա այն, որ ահա հաստատ գիտես, որ ահա մի ժամ անց, հետո տասը րոպե անց, հետո կես րոպե անց, հետո այժմ, հենց հիմա հոգիդ դուրս կթռչի մարմնիցդ, և որ այլևս մարդ չես լինի, և որ դա արդեն հաստատ է. գլխավորն այն է, որ հաստատ է։ Ահա հենց որ գլուխդ դնում ես դանակի տակ և լսում ես, թե նա ինչպես է սահում գլխիդ վերև, ահա հենց այդ քառորդ վայրկյանն է ամենասարսափելին։ Գիտե՞ք արդյոք, որ դա իմ ֆանտազիան չէ, այլ որ այդպես շատերն էին ասում։ Ես դրան այնքան չեմ հավատում, որ ուղղակի ձեզ կասեմ իմ կարծիքը։ Սպանության համար սպանելը պատժի անհամեմատ ավելի մեծ չափ է, քան բուն ոճիրը։ Դատավճռով սպանելն անհամեմատ ավելի սարսափելի է, քան ավազակային սպանությունը։ Նա, ում սպանում են ավազակները, մորթում են գիշերը, անտառում, կամ որևէ կերպ, անպայման դեռ հույս է ունենում, որ կփրկվի, մինչև վերջին ակնթարթը։ Դեպքեր են եղել, որ արդեն կոկորդը կտրել են, իսկ նա դեռ հույս ունի, կամ փախչում է, կամ աղերսում։ Իսկ այստեղ հաստատորեն խլում են այդ ամբողջ վերջին հույսը, որով մեռնելը տասնապատիկ հեշտ է. այստեղ դատավճիռ կա, և ամենասարսափելի տանջանքը նրանում է, որ հաստատորեն չես խուսափի, և դրանից ավելի ուժեղ տանջանք չկա աշխարհում։ Զինվորին բերեք և մարտի Ժամանակ կանգնեցրեք հենց թնդանոթի առաջ ու կրակեցեք նրա վրա, նա դեռ հույս կունենա, բայց հենց այդ զինվորին հաստատ կարդացեք մահվան դատավճիռը, նա խելքը կթռցնի կամ լաց կլինի։ Ո՞վ է ասել, թե մարդկային բնությունը ի վիճակի է առանց խելագարության դրան դիմանալու։ Ինչի՞ համար է այդպիսի այլանդակ, անօգուտ, անտեղի կոպիտ ծաղրը։ Գուցե և կա այնպիսի մարդ, որին կարդացել են դատավճիռը, թողել են, որ մի քիչ տանջվի, իսկ հետո ասել են. «Գնա, քեզ ներում են»։ Ահա այդպիսի մարդը, գուցե, կկարողանար պատմել։ Այդ տանջանքի ու այդ սարսափի մասին Քրիստոսն էլ է ասել։ Ոչ, մարդու հետ այդպես վարվել չի կարելի։

Կամերդիները թեև այդ բոլորը չէր կարողանա այնպես արտահայտել, ինչպես իշխանը, բայց, իհարկե, թեև ոչ ամեն ինչ, բայց գլխավորը հասկացավ, որը երևում էր նույնիսկ նրա սրտաշարժված դեմքից։

— Եթե այդքան ուզում եք ծխել,— ասաց նա,— ապա, գուցե և կարելի է, միայն թե շտապով։ Որովհետև մեկ էլ հանկարծ հարցնեն, իսկ դուք չկաք։ Ահա այստեղ սանդուղքի տակ, տեսնո՞ւմ եք, դուռ կա։ Դռնով մտեք, աջ կողմում մի խցիկ կա, այնտեղ կարելի է, միայն օդանցքը բացեք, որովհետև դա կարգ չէ...

Բայց իշխանը չհասցրեց ծխելու գնալ։ Հանկարծ նախասենյակ մտավ մի երիտասարդ, ձեռքին թղթեր։ Կամերդիներն սկսեց նրա մուշտակը հանել։ Երիտասարդը աչքերը շլեց իշխանի վրա։

— Սա, Գավրիլա Արդալիոնիչ,— սկսեց կամերդիները գաղտնաբար ու գրեթե տնավարի,— զեկուցում է, որ իշխան Միշկինն է և տիկնոջ ազգականը, արտասահմանից է եկել գնացքով, և ձեռքին կապոց ունի միայն...

Շարունակությունն իշխանը չլսեց, որովհետև կամերդիներն սկսեց շշնջալ։ Գավրիլա Արդալիոնովիչը ուշադրությամբ լսում էր և մեկ֊մեկ հետաքրքրությամբ նայում իշխանին, վերջապես դադարեց լսելուց և անհամբեր մոտեցավ նրան։

— Դուք իշխան Միշկի՞նն եք,— հարցրեց նա չափազանց սիրալիր ու քաղաքավարի։ Դա մի շատ գեղեցիկ երիտասարդ էր, նույնպես մոտ քսանութ տարեկան, բարեկազմ, խարտյաշ, միջահասակից բարձր, նապոլեոնյան փոքրիկ մորուքով. խելացի և շատ գեղեցիկ դեմքով մի մարդ։ Միայն նրա ժպիտը, իր ողջ սիրալիրությամբ հանդերձ, արդեն չափից ավելի նուրբ էր. ժպտալիս ատամները ցուցադրվում էին ինչ֊որ արդեն չափից ավելի հավասար-մարգարտաշար. հայացքը, չնայած ողջ զվարթությանը և արտաքին պարզասրտությանը, ինչ֊որ չափից ավելի ուշադիր ու փորձող էր։

«Նա, ըստ երևույթին, երբ մենակ է, բոլորովին այսպես չի նայում և, գուցե, երբեք չի ծիծաղում»,— կարծես թե զգաց իշխանը։

Իշխանը հապճեպ բացատրեց այն ամենը, ինչ կարող էր, գրեթե նույնը, ինչ առաջ արդեն բացատրել էր կամերդիներին, իսկ դրանից էլ առաջ՝ Ռոգոժինին։ Այնինչ Գավրիլա Արդալիոնովիչը ինչ֊որ բան էր մտաբերում։

— Արդյոք դուք չէի՞ք բարեհաճել,— հարցրեց նա,— մոտ մի տարի առաջ կամ ավելի նորերս նամակ ուղարկել, կարծեմ Շվեյցարիայից, Ելիզավետա Պրոկոֆևնային։

— Ճիշտ այդպես։

— Ուրեմն ձեզ այստեղ գիտեն և երևի հիշում են։ Դուք նորին գերազանցության մո՞տ եք եկել։ Հիմա կզեկուցեմ... Նա հիմա ազատ կլինի։ Միայն թե դուք... շնորհ անեիք առայժմ ընդունարան։ Ինչո՞ւ նա այստեղ է,— խստորեն դիմեց Գավրիլա Արդալիոնովիչը կամերդիներին։

— Ասում եմ, ինքը չցանկացավ...

Այդ ժամանակ հանկարծ բացվեց առանձնասենյակի դուռը, և մի զինվորական, թղթապանակը ձեռքին, բարձրաձայն խոսելով և հրաժեշտ տալով, դուրս եկավ այնտեղից։

— Դու այստե՞ղ ես, Գանյա,— կանչեց մի ձայն առանձնասենյակից,— հապա շնորհ արա այստեղ։

Գավրիլա Արդալիոնովիչը գլուխ տվեց իշխանին և շտապ անցավ առանձնասենյակը։

Մի երկու րոպե անց դուռը նորից բացվեց, և լսվեց Գավրիլա Արդալիոնովիչի զրնգուն ու սիրալիր ձայնը.

— Իշխան, համեցե՜ք։


III

Գեներալը՝ Իվան Ֆյոդորովիչ Եպանչինը, կանգնել էր իր առանձնասենյակի մեջտեղը և արտակարգ հետաքրքրությամբ նայում էր ներս մտնող իշխանին, նույնիսկ երկու քայլ արավ դեպի նա։ Իշխանը մոտեցավ ու ներկայացավ։

— Այդ֊պես,— պատասխանեց գեներալը,― իսկ ինչո՞վ կարող եմ ծառայել։

― Ես ոչ մի անհետաձգելի գործ չունեմ. իմ նպատակն էր ուղղակի ծանոթանալ ձեզ հետ։ Չէի ուզենա անհանգստացնել, որովհետև չգիտեմ ոչ ձեր ընդունելության օրը, ոչ ձեր կարգադրությունները․․․ բայց ես ինքս հենց նոր եմ իջել վագոնից... Շվեյցարիայից եմ եկել։

Գեներալը հազիվ նկատելի քմծիծաղ տվեց, բայց մտածեց ու դադարեց. հետո մեկ էլ մտածեց, աչքերը կկոցեց, իր հյուրին մի անգամ էլ զննեց ոտից գլուխ, ապա արագ նրան աթոռ ցույց տվեց, ինքն էլ նստեց փոքր-ինչ թեք և անհամբեր սպասողականությամբ շրջվեց դեպի իշխանը։ Գանյան կանգնել էր առանձնասենյակի անկյունում, գրասեղանի մոտ և թղթերն էր տնտղում։

— Ծանոթությունների համար ես առհասարակ քիչ ժամանակ ունեմ,— ասաց գեներալը,— Բայց քանի որ դուք, իհարկե, ձեր նպատակն ունեք, ապա...

— Ես այդպես էլ նախազգում էի,— ընդհատեց նրան իշխանը,— որ դուք իմ այցելության մեջ անպայման որևէ հատուկ նպատակ կտեսնեք։ Բայց, աստված վկա, բացի ձանոթանալու բավականությունից ես ոչ մի մասնավոր նպատակ չունեմ։

— Իհարկե, ինձ համար էլ արտակարգ բավականություն է, բայց հո շարունակ զվարճություն չի՞ լինելու, երբեմն, գիտե՞ք պատահում են և գործեր։ Ընդսմին, ես մինչև հիմա չեմ կարողանում գտնել, թե մեր մեջ ընդհանուր ինչ կա․․․ այսպես ասած, այն պատճառները․․․

— Պատճառ չկա, անշուշտ, և, իհարկե, ընդհանուր բան քիչ կա։ Որովհետև եթե ես իշխան Միշկինն եմ և ձեր կինը մեր ցեղից է, ապա դա, հասկանալի է, պատճառ չէ։ Ես դա շատ լավ եմ հասկանում։ Եվ սակայն իմ ամբողջ շարժառիթը հենց միայն դա է։ Ես մոտ չորս տարի Ռուսաստանում չեմ եղել, չորսից մի քիչ ավելի, այստեղից մեկնելիս էլ ի՞նչ էի, համարյա խելքս գլխիս չէր։ Այն ժամանակ էլ ոչինչ չգիտեի, իսկ հիմա ավելի ևս։ Լավ մարդկանց կարիք եմ զգում, նույնիսկ ահա մի գործ ունեմ և չգիտեմ, ուր խցկվեմ։ Դեռ Բեռլինում մտածեցի. «Դրանք գրեթե ազգական են, նրանցից կսկսեմ. գուցե մենք իրար պետք կգանք։ Նրանք ինձ, ես նրանց, եթե նրանք լավ մարդիկ են»։ Իսկ ես լսել եմ, որ դուք լավ մարդիկ եք։

— Շատ շնորհակալ եմ,— զարմացավ գեներալը,— թույլ տվեք իմանալ, որտե՞ղ եք իջևանել։

— Ես դեռ ոչ մի տեղ չեմ իջևանել։

— Ուրեմն վագոնից ուղղակի ինձ մո՞տ։ Եվ... բեռո՞վ։

— Դե իմ բեռը ընդամենը սպիտակեղենի մի փոքրիկ կապոց է, և ուրիշ ոչինչ, ես դա սովորաբար ձեռքիս եմ պահում։ Երեկոյան էլ կհասցնեմ համար գրավել։

— Ուրեմն, դուք դեռ մտադիր եք համա՞ր գրավել։

— Օ, այո, իհարկե։

— Ձեր խոսքերից դատելով, ես կարծեցի, թե արդեն ուղղակի ինձ մոտ եք եկել։

— Այդ կարող է պատահել, բայց ոչ այլ կերպ, քան ձեր հրավերով։ Իսկ ես, խոստովանում եմ, հրավերով էլ չէի մնա, ոչ թե որևէ պատճառով, այլ այնպես... ըստ իմ բնավորության։

— Դե, նշանակում է, տեղին է, որ ես ձեզ չեմ հրավիրել և չեմ հրավիբում։ Թույլ տվեք մեկ էլ, իշխան, որպեսզի միանգամից ամեն ինչ պարզաբանվի, քանի որ մենք ահա հիմա պայմանավորվեցինք, որ մեր մեջ ազգակցության մասին խոսք անգամ չի կարող լինել, թեև, իհարկե, ես չափազանց շոյված կլինեի, ապա նշանակում է...

— Ապա նշանակում է, վեր կենամ ու գնա՞մ,— տեղից շարժվեց իշխանը, նույնիսկ մի տեսակ զվարթ ծիծաղելով, չնայած իր դրության ողջ ակներև դժվարությանը։— Եվ ահա, աստված վկա, գեներալ, թեև ես գործնականորեն ոչ մի բան չգիտեմ ոչ այստեղի սովորույթներից, ոչ առհասարակ՝ թե ինչպես են ապրում այստեղ մարդիկ, բայց այդպես էլ կարծում էի, որ անպայման հենց այսպես էր ստացվելու, ինչպես որ հիմա ստացվեց։ Ինչ կա որ, գուցե հենց այսպես էլ պետք է... Եվ այն ժամանակ էլ նամակիս չպատասխանեցիք... Դե, մնաք բարով և ներեցեք, որ անհանգստացրի։

Այդ րոպեին իշխանի հայացքն այնքան սիրալիր էր, իսկ ժպիտը այնքան զերծ էր որևէ թեկուզ թաքուն անբարյացակամության երանգից, որ գեներալը հանկարծ կանգ առավ և մի տեսակ հանկարծ այլ կերպ նայեց իր հյուրին․ հայացքի ամբողջ փոփոխությունը տեղի ունեցավ մի ակնթարթում։

— Գիտե՞ք, իշխան,— ասաց նա գրեթե բոլորովին այլ ձայնով,— համենայն դեպս ես ձեզ չեմ ճանաչում և գուցե Լիզավետա Պրոկոֆևնան էլ կուզենա տեսնել իր ազգանվանակցին․․․ Սպասեցեք, եթե ուզում եք, եթե ձեր ժամանակը ներում է։

— Օ, իմ ժամանակը ներում է. իմ ժամանակը միանգամայն իմն է (և իշխանը իսկույն սեղանին դրեց իր կլորեզր փափուկ գլխարկը)։ Ես, խոստովանում եմ, այդպես էլ հույս ունեի, որ գուցե Ելիզավետա Պրոկոֆևնան կհիշի, որ իրեն նամակ եմ գրել։ Քիչ առաջ ձեր ծառան, երբ ես այնտեղ սպասում էի, կասկածում էր, թե ես եկել եմ աղքատության պատճառով ձեզանից բան խնդրելու. ես դա նկատեցի, իսկ ձեզ մոտ, ըստ երևույթին, այդ առթիվ խիստ հրահանգներ կան, բայց ես, ճշմարիտ, դրա համար չեմ եկել, այլ, ճշմարիտ, նրա համար, որ մարդկանց հետ մտերմանամ։ Միայն մի քիչ մտածում եմ, որ ձեզ խանգարեցի, և դա ինձ անհանգստացնում է։

— Ահա թե ինչ, իշխան,— ասաց գեներալը ուրախ ժպիտով,— եթե դուք իրոք այնպիսին եք, ինչպես թվում եք, ապա թերևս ձեզ հետ հաճելի կլինի ծանոթանալը. միայն տեսնո՞ւմ եք, ես զբաղված մարդ եմ և նորից անմիջապես նստելու եմ որոշ բաներ աչքի անցնելու և ստորագրելու, իսկ հետո կգնամ նորին պայծառափայլության մոտ, իսկ հետո պաշտոնատեղիս, այդպես էլ դուրս է գալիս, որ թեև ուրախ եմ մարդկանց... այսինքն՝ լավ մարդկանց հետ տեսնվելու... բայց... Ասենք, ես այնպես համոզված եմ, որ դուք հիանալի դաստիարակված եք, որ․․․ իսկ քանի՞ տարեկան եք, իշխան։

— Քսանվեց։

— Տեսեք, է՜։ Իսկ ես կարծում էի շատ ավելի պակաս։

— Այո, ասում են իմ դեմքն ավելի ջահել է երևում։ Իսկ ձեզ չխանգարել ես կսովորեմ և շուտով կհասկանամ, որովհետև հենց ինքս բոլորովին չեմ սիրում խանգարել․․․ Եվ, վերջապես, ինձ թվում է, մենք արտաքուստ այնքան տարբեր մարդիկ ենք... շատ հանգամանքների շնորհիվ, որ մենք, հավանաբար, չենք էլ կարող շատ ընդհանուր կետեր ունենալ, բայց գիտե՞ք, ես այս վերջին գաղափարին ինքս շեմ հավատում, որովհետև շատ հաճախ այդպես թվում է միայն, թե ընդհանուր կետեր չկան, իսկ դրանք շատ էլ կան... Դա մարդկային ծուլությունից է լինում, որ մարդիկ իրար մեջ այդպես աչքի չափով են տեսակավորվում և ոչինչ չեն կարողանում գտնել... Բայց, ի դեպ, կարծեք թե ես ձանձրալի սկսեցի։ Դուք, կարծես թե...

— Երկու խոսք, դուք գոնե որոշ կարողություն ունե՞ք։ Կամ, գուցե, մտադիր եք որևէ զբաղմո՞ւնք ձեռնարկել։ Ներեցեք, որ ես այսպես...

— Շնորհ արեք, ես ձեր հարցը շատ եմ գնահատում և հասկանում։ Ոչ մի կարողություն առայժմ չունեմ և ոչ մի զբաղմունք, առայժմ, նույնպես չունեմ, բայց հարկավոր է, որ ունենայի։ Իսկ հիմա ինձ մոտ եղած փողը ուրիշինն էր, ինձ Շնեյդերն էր տվել ճանապարհի համար, իմ պրոֆեսորը, որի մոտ ես բուժվում և սովորում էի Շվեյցարիայում, և տվել էր ճիշտ և ճիշտ հաշված, այնպես որ հիմա, օրինակ, ինձ մոտ ընդամենը մի քանի կոպեկ է մնացել։ Ճիշտ է, ես մի գործ ունեմ և խորհրդի կարիք եմ զգում, բայց...

— Բայց ասացեք, ինչո՞վ եք մտադիր առայժմ ապրել և ինչպիսի՞ մտադրություններ ունեիք,― ընդհատեց գեներալը։

— Ուզում էի որևէ կերպ աշխատել։

— Օ, դուք փիլիսոփա եք, բայց ասենք... ձեր մեջ որևէ տաղանդ նկատե՞լ եք կամ գոնե որոշ ընդունակություններ, այսինքն՝ այնպիսի ընդունակություններից, որոնք հանապազօրյա հաց են տալիս։ Դարձյալ ներեցեք...

— Օ, ներողություն մի խնդրեք։ Ոչ, ես կարծում եմ, որ չունեմ ոչ տաղանդ, ոչ հատուկ ընդունակություններ, նույնիսկ ընդհակառակը, որովետև ես հիվանդ մարդ եմ և կանոնավոր չեմ սովորել։ Ինչ վերաբերում է հացին, ապա ինձ թվամ է...

Գեներալը նորից ընդհատեց և նորից սկսեց հարցուփորձ անել։ Իշխանը նորից պատմեց այն ամենը, ինչ արդեն պատմված էր։ Պարզվեց, որ գեներալը լսել էր հանդուցյալ Պավլիշչևի մասին և նույնիսկ անձամբ ճանաչում էր։ Թե ինչու էր Պավլիշչևը հետաքրքրվում նրա դաստիարակությամբ, իշխանն ինքն էլ չէր կարող բացատրել, ասենք, գուցե ուղղակի իշխանի հանգուցյալ հոր հետ ունեցած հին բարեկամության պատճառով։ Ծնողների մահից հետո իշխանը դեռ փոքր երեխա էր, ամբողջ կյանքում ապրել ու մեծացել էր գյուղում, որովհետև նրա առողջությունն էլ պահանջում էր գյուղի օդ։ Պավլիշչևը նրան վստահել էր իր ազգական ինչ-որ պառավ կալվածատիրուհիների․ իշխանի համար սկզբում վարձում են գուվերնանտուհի, հետո գուվերնյոր. ի դեպ, նա հայտնեց, որ թեև ամեն ինչ հիշում է, բայց քիչ բան կարող է բավարար բացատրել, որովհետև շատ հարցերում իրեն հաշիվ չէր տալիս։ Նրա հիվանդության հաճախակի նոպաները նրան դարձրել էին համարյա բոլորովին ապուշ (իշխանն այդպես էլ ասաց՝ ապուշ)։ Նա պատմեց, վերջապես, որ մի անգամ Պավլիշչևը Բեռլինում հանդիպել է շվեյցարացի պրոֆեսոր Շնեյդերին, որն զբաղվում է հենց այդ հիվանդություններով, Շվեյցարիայում՝ Վալլիի կանտոնում բուժական հաստատություն ունի, բուժում է իր մեթոդով, սառը ջրով, մարմնամարզությամբ, բուժում է և ապշությունը, և խելագարությունը, դրա հետ մեկտեղ սովորեցնում է, և առհասարակ զբաղվում է սանի հոգևոր զարգացմամբ, որ Պավլիշչևր իշխանին մոտ հինգ տարի առաջ ուղարկել է Շվեյցարիա՝ Շնեյդերի մոտ, իսկ ինքը երկու տարի առաջ հանկարձակի մեռել է, առանց կարգադրություններ անելու, որ Շնեյդերը նրան պահել և շարունակել է բուժումը ևս երկու տարի, որ նա նրան վերջնականապես չի բուժել, բայց շատ շատ է օգնել. և որ, վերջապես, իշխանի սեփական ցանկությամբ և մի պատահած հանգամանքի պատճառով հիմա նրան ուղարկել է Ռուսաստան։

Գեներալը շատ զարմացավ.

— Եվ դուք Ռուսաստանում ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չունե՞ք,— հարցրեց գեներալը։

— Հիմա ոչ ոք, բայց հույս ունեմ... հետո ես մի նամակ եմ ստացել...

— Գոնե,— ընդհատեց գեներալը, նամակի մասին լսելով,— Դուք որեէ բան սովորե՞լ եք, և ձեր հիվանդությունը ձեզ չի՞ խանգարի, ասենք, որևէ պաշտոնատեղում մի որևէ հեշտ պաշտոն գրավելու։

— Օ, հավանաբար չի խանգարի։ Եվ որևէ պաշտոն ես նույնիսկ շատ կուզենայի, որովհետև ինքս էլ ուզում եմ տեսնել, թե ես ինչի ընդունակ եմ։ Իսկ սովորել եմ բոլոր չորս տարին շարունակ, թեև ոչ բոլորովին ճիշտ, այլ այնպես, իմ պրոֆեսորի հատուկ սիստեմով, ըստ որում հաջողվել է չափազանց շատ ռուսերեն գրքեր կարդալ։

— Ռուսերեն գրքե՞ր։ Նշանակում է գրագետ եք և կարո՞ղ եք անսխալ գրեր

— Օ, շատ լավ կարող եմ։

— Հրաշալի է. իսկ ձեր ձեռագի՞րը։

— Իսկ ձեռագիրս հիանալի է։ Այ դրանում ես գուցե և տաղանդ եմ. այդ կողմից ես ուղղակի գեղագիր եմ։ Թույլ տվեք, փորձի համար հենց հիմա մի բան կգրեմ,― ոգևորված ասաց իշխանը։

— Բարի եղեք։ Եվ դա նույնիսկ պետք է․․․ Եվ հավանում եմ ձեր այդ պատրաստակամությունը, իշխան, դուք, իսկապես, շատ հաճելի եք։

— Իսկ դուք ինչ հրաշալի գրենական պիտույքներ ունեք, և ինչքա՜ն մատիտ, ինչքա՜ն գրիչ, ի՜նչ ստվար, հիանալի թուղթ... Եվ ի՜նչ գեղեցիկ է ձեր առանձնասենյակը։ Ահա այս բնանկարը ինձ ծանոթ է, դա շվեյցարական տեսարան է։ Ես համոզված եմ, որ նկարիչը դա բնությունից է նկարել, և համոզված եմ, որ այu վայրը ես տեսել եմ. դա Ուրիի կանտոնում է...

— Շատ հնարավոր է, թեև դա այստեղ է գնված։ Գանյա, իշխանին թուղթ տվեք. ահա գրիչներ ու թուղթ, ահա համեցեք այս փոքրիկ սեղանի մոտ։ Այդ ի՞նչ է,― դիմեց գեներալը Գանյային, որն այդ ժամանակ իր թղթապանակից հանեց ու նրան տվեց մեծ չափսի մի լուսանկար,— վա՛հ, Նաստասյա Ֆիլի՜պովնան է։ Սա ի՞նքը, ի՞նքն է քեզ ուղարկել, ի՞նքը,— աշխուժացած ու մեծ հետաքրքրությամբ հարցնում էր նա Գանյային։

— Հիմա, երբ ես գնացել էի շնորհավորելու, տվեց։ Ես վաղուց խնդրում էի։ Չգիտեմ, արդյոք սա ակնարկ չէ՞ նրա կողմից, որ ես ինքս մի այսպիսի օրով նրա մոտ ձեռնունայն, առանց նվերի էի գնացել,— ավելացրեց Գանյան տհաճ ժպտալով։

— Չէ, լչէ,— համոզված ընդհատեց գեներալը,— և իսկապես, այդ ինչ մտածելակերպ ունես։ Նրա շատ պետքն է, որ ակնարկի... և ամենևին շահամոլ չի։ Համ էլ ի՞նչ պիտի նվիրես. դրա համար հազարներ են պետք։ Գուցե լուսանկա՞րդ։ Իսկ ինչ, ի դեպ, դեռ չի՞ խնդրել լուսանկարդ։

— Ոչ, դեռ չի խնդրել, և գուցե երբեք էլ չխնդրի։ Դուք, Իվան Ֆյոդորովիչ, իհարկե, հիշո՞ւմ եք այսօրվա երեկոյի մասին։ Չէ որ դուք միտումով հրավիրվածներից եք։

— Հիշում եմ, հիշում եմ, իհարկե, և կգնամ։ Հանա՞ք բան է, ծննդյան օրն է, քսանհի՜նգ տարեկան։ Հը՛մ... Գիտե՞ս, Գանյա, թող էդպես լինի, ես քեզ կասեմ գաղտնիքը, պատրաստվիր։ Աֆանասի Իվանովիչին և ինձ նա խոստացել է, ոը այսօր երեկոյան իր տանը կասի վերջին խոսքը՝ լինե՞լ, թե չլինել։ Դե տես, իմացիր։

Գանյան հանկարծ շփոթվեց այն աստիճան, որ նույնիսկ փոքր֊ինչ գունատվեց։

— Նա այդ հաստա՞տ ասաց,— հարցրեց Գանյան և նրա ձայնը կարծես դողաց։

— Երեք օր առաջ խոսք տվեց։ Մենք երկուսս էլ այնպես օձիքից կպանք, որ հարկադրեցինք։ Միայն խնդրեց, որ ժամանակից շուտ քեզ չասենք։

Գեներալն ուշադիր զննում էր Գանյային. վերջինիս շփոթվելը ըստ երևույթին նրան դուր չէր գալիս։

― Հիշեցեք, Իվան Ֆյոդորովիչ,— անհանգստացած ու տատանվելով ասաց Գանյան,— որ նա ինձ լիակատար ազատություն է տվել վճիռ կայացնելու մինչև այն օրը, մինչև որ ինքը գործը չվճռի, և այդ ժամանակ էլ դեռ ես իմ խոսքն ասելու իրավունք ունեմ․․․

— Բայց մի՞թե դու... բայց մի՞թե դու...— հանկարծ վախեցավ գեներալը։

— Ես ոչինչ։

— Ողորմա՛, այդ ի՞նչ ես ուզում անել մեզ հետ։

― Չէ՞ որ ես չեմ հրաժարվում։ Ես, գուցե, այնպես չարտահայտվեցի...

— Ա՜յդ էր պակաս, որ հրաժարվեիր, — զայրույթով ասաց գեներալը, նույնիսկ չցանկանալով զայրույթը զսպել։— Այստեղ, եղբայրս, բանն արդեն այն չէ, որ դու չես հրաժարվում, այլ բանը քո պատրաստակամությունն է, քո գոհունակությունն է, ուրախությունն է, որով կընդունես նրա խոսքերը... ի՞նչ է կատարվում քո տանը։

— Ի՞նչ պիտի լինի։ Տանն ամեն ինչ իմ կամքով է, միայն հայրս սովորականի պես գժություններ է անում, բայց նա կատարյալ ստահակ է դարձել, ես նրա հետ չեմ էլ խոսում, բայց ճնշման տակ եմ պահում, և, ճշմարիտ, եթե մայրս չլիներ, դուրս կանեի։ Մայրս, իհարկե, շարունակ լաց է լինում. քույրս չարանում է, իսկ ես նրանց ուղղակի ասացի, վերջապես, որ ես իմ ճակատագրի տերն եմ, և ուզում եմ, որ տանն ինձ... լսեն, համենայն դեպս քրոջս այդ ամենը կտրուկ ասացի մորս ներկայությամբ։

— Իսկ ես, եղբայր, շարունակում եմ չըմբռնել,― մտածկոտ նկատեց գեներալը՝ ուսերը փոքր-ինչ բարձրացնելով ու ձեռքերը տարածելով։— Նինա Ալեքսանդրովնան էլ անցած օրը, այ, որ եկել էր, հիշո՞ւմ ես, հառաչում ու ախ է քաշում «Ի՞նչ է պատահել»,— հարցնում եմ։ Բանից դուրս է գալիս, որ իբր դա նրանց համար անպատվություն է։ Բայց թույլ տվեք հարցնել, այստեղ ի՞նչ անպատվություն կա։ Ո՞վ ինչում կարող է Նաստասյա Ֆիլիպովնային կշտամբել կամ նրա հասցեին մի բան ասել։ Մի՞թե այն, որ նա Տոցկու հետ է եղել։ Բայց ախր դա արդեն այնպիսի դատարկ բան է, հատկապես, երբ նկատի ենք ունենում որոշ հանգամանքներ։ «Դուք, ասում է, նրան կթողնե՞ք ձեր աղջիկների մոտ»։ Դեհ։ Մի տե՜ս։ Այ քեզ Նինա Ալեքսանդրովնա։ Այսինքն՝ մարդ ինչպե՞ս չհասկանա, ինչպե՞ս չհասկանա․․․

— Իր դրությո՞ւնը,— հուշեց Գանյան դժվարության մեջ ընկած գեներալին,― նա հասկանում է, դուք նրանից մի նեղացեք։ Ես, ի դեպ, հենց այն ժամանակ շշպռեցի, որ ուրիշի գործերին չխառնվեն։ Եվ, սակայն, մինչև հիմա մեր տանը ամեն ինչ առերես խաղաղ է միայն նրա համար, որ վերջին խոսքը դեռ չի ասված, բայց փոթորիկը լինելու է։ Եթե այսօր ասվի վերջին խոսքը, նշանակում է ամեն ինչ էլ կասվի։

Իշխանը լսում էր այդ ամբողջ խոսակցությունը, անկյունում նստած իր գեղագրական նմուշի վրա աշխատելիս։ Նա վերջացրեց, մոտեցավ սեղանին և հանձնեց իր թերթիկը։

— Ուրեմն սա Նաստասյա Ֆիլիպովնա՞ն է,— ասաց նա, ուշադիր ու հետաքրքրությամբ նայելով լուսանկարին,— զարմանալի՜ գեղեցիկ է,— անմիջապես ավելացրեց նա եռանդով։ Լուսանկարի վրա իրոք պատկերված էր արտասովոր գեղեցիկ մի կին։ Նա նկարված էր չափագանց պարզ ու նրբագեղ ձևի մի սև մետաքսե զգեստով. մազերը, ըստ երևույթին, մուգ խարտյաշ, սանրած էին պարզ, տնավարի, աչքերը մուգ էին, խորունկ, ճակատը խոհուն. դեմքի արտահայտությունը կրքոտ ու մի տեսակ մեծամիտ։ Նրա դեմքը մի քիչ նիհար էր, գուցե և գունատ... Գանյան ու գեներալը զարմացած նայեցին իշխանին։

— Ինչպե՞ս թե՝ Նաստասյա Ֆիլիպովնան է։ Մի՞թե դուք արդեն Նաստասյա Ֆիլիպովնային էլ եք ճանաչում,― հարցրեց գեներալը։

— Այո. ընդամենը մի օր է Ռուսաստանում եմ, բայց արդեն ճանաչում եմ այսպիսի գեղեցկուհուն,— պատասխանեց իշխանը և հենը տեղնուտեղը պատմեց իր հանդիպման մասին Ռոգոժինի հետ և հաղորդեց նրա ամբողջ պատմությունը։

— Այ քեղ նորություննե՜ր,— նորից անհանգստացավ գեներալը, որը չափազանց ուշադիր լսել էր պատմությունը, և փորձող հայացքով նայեց Գանյային։

— Հավանաբար միայն խայտառակ այլանդակություն է,— մրթմրթաց նույնպես մի քիլ շփոթված Գանյան,— վաճառականի որդյակը քեֆ է անում։ Ես նրա մասին արդեն ինչ֊որ բաներ լսել եմ։

— Ես էլ եմ լսել, եղբայր,— վրա բերեց գեներալը։— Հենց այն ժամանակ, ականջօղերից հետո, Նաստասյա Ֆիլիպովնան ամբողջ անեկդոտը պատմել է։ Բայց հիմա արդեն բանն ուրիշ է։ Այստեղ, կարող է պատահել, իսկապես միլիոն է նստած և... կիրք, ասենք, այլանդակ կիրք, բայց և այնպես, կրքի հոտ է փչում, բայց ախր հայտնի է, թե ինչի են ընդուՆակ այդ պարոնները, ամբողջովին գինովցած... Հը՛մ... հանկարծ մի անախորժ բան չստացվի․․․― եզրափակեց գեներալը մտախոհ։

— Դուք միլիոնի՞ց եք վախենում,— ժպտաց Գանյան։

— Իսկ դու, իհարկե, ո՞չ։

— Ձեզ ինչպե՞ս թվաց, իշխան,— հանկարծ նրան դիմեց Գանյան,— ինչ է, դա մի որևէ լուրջ մա՞րդ է, թե ուղղակի այնպես, ստահակի մեկը։ Ձեր բուն կարծի՞քը։

Գանյայի մեջ մի առանձնահատուկ բան էր կատարվում, երբ նա այդ հարցը տալիս էր։ Կարծես թե մի նոր և ինչ֊որ առանձնահատուկ միտք բռնկվեց նրա ուղեղում և անհամբեր շողաց աչքերի մեջ։ Իսկ գեներալը, որն անկեղծորեն ու պարզասիրտ անհանգստանում էր, նույնպես աչքերը շլեց իշխանի կողմը, բայց կարծես շատ բան չսպասելով նրա պատասխանից։

— Չգիտեմ ինչպես ասեմ ձեզ,— պատասխանեց իշխանը,— միայն ինձ թվաց, թե նրա մեջ կիրք շատ կար, և նույնիսկ կարծես հիվանդագին կիրք։ Եվ նա ինքն էլ կարծես դեռ բոլորովին հիվանդ է։ Շատ կարող է պատահել, որ առաջին իսկ օրերից Պետերբուրգում նորից կպառկի, մանավանդ եթե սկսի խմել։

— Այդպե՞ս է։ Ձեզ այդպե՞ս թվաց,— այդ մտքից կառչեց գեներալը։

— Այո, թվաց։

— Եվ, սակայն, այդ կարգի անեկդոտներ կարող են տեղի ունենալ նաև ոչ թե մի քանի օրում, այլ դեռ երեկոյան, հենց այսօր, գուցե մի բան պատահի,— քմծիծաղ տալով ասաը Գանյան գեներալին։

— Հը՛մ․․․ Իհարկե... գուցե և, իսկ այդ դեպքում ամբողջ բանն այն է, թե ինչ կանցնի Նաստասյա Ֆիլիպովնայի մտքով,— ասաը գեներալը։

— Բայը չէ՞ որ դուք գիտեք, թե երբեմն ինչպիսին է նա։

— Այսինքն՝ ինչպիսի՞ն է որ,— նորից վրա պրծավ գեներալը արտակարգ վրդովված։— Լսիր, Գանյա, դու, խնդրեմ, այսօր նրան շատ մի հակաճառի և գիտե՞ս, աշխատիր այնպես լինել․․․ մի խոսքով, նրա սրտովը լինել... Հըմ... ի՞նչ ես այդպես բերանդ ծռում։ Լսիր, Գավրիլա Արդալիոնիչ, տեղին, նույնիսկ շատ տեղին կլինի հիմա ասել, ինչի համար ենք ձեռ ու ոտ անում։ Հասկանո՞ւմ ես, որ ես իմ սեփական շահի տեսակետից, որն այստեղ կա, արդեն վաղուց ապահովված եմ. այսպես թե այնպես, բայց գործն իմ օգտին ես կվճռեմ։ Տոցկին իր որոշումն ընդունել է անհողդողդ, նշանակում է ես էլ միանգամայն վստահ եմ։ Ուստի եթե ես հիմա որևէ բան եմ ուզում, ապա միայն և միայն՝ քո օգուտը։ Ինքգ մտածիր, չե՞ս վստահում ինձ, թե ինչ։ Ըստ որում, դու․․․ դու... մի խոսքով գու խելացի մարդ ես, քեզ վրա հույս դրի... իսկ դա տվյալ դեպքում, դա... դա...

— Դա գլխավորն է,— ավարտեց Գանյան, նորից օգնելով նեղն ընկած գեներալին և շրթունքները ծամածռելով մի ամենաթունալի ժպիտով, որն արդեն չէր ուզում թաքցնել։ Նա իր բորրոքված հայացքով նայում էր ուղիղ գեներալի աչքերին, կարծես նույնիսկ ցանկանալով, որ վերջինս նրա հայացքում կարդար նրա ամբողջ միտքը։ Գեներալը կարմրատակեց ու բորբոքվեց։

― Դե հա, գլխավորը խելքն է,― համաձայնեց նա կտրուկ նայելով Գանյային,— այ թե ծիծաղելի մարդ ես դու, Գավրիլա Արդալիոնիչ։ Ես նկատում եմ, դու ախր կարծես ուրախանում ես այդ ջահել վաճառականի գոյությանը, որպես ելք քեզ համար։ Այստեղ սկզբից ևեթ պետք էր հենց խելքով հասնել, այստեղ հենց պետք է հասկանալ և... և երկու կողմից վարվել ազնիվ ու շիտակ, և կամ... նախօրոք տեղեկացնել, որպեսզի ուրիշներին չվարկաբեկեն, մանավանդ որ դրա համար բավականաչափ ժամանակ կար, և նույնիսկ դեռևս հիմա էլ մնում է բավականաչափ (գեներալը նշանակալից բարձրացրեց հոնքերը), չնայած նրան, որ մնում է ընդամենց միայն մի քանի ժամ... Դու հասկացա՞ր։ Հասկացա՞ր։ Դու իսկապես ուզո՞ւմ ես, թե չես ուզում։ Եթե չես ուզում, ասա, և, խնդրեմ։ Ձեզ ոչ ոք, Գավրիլա Արդալիոնովիչ, բռնի չի պահում, ոչ ոք զոռով թակարդ չի քաշում, եթե միայն այստեղ դուք թակարդ եք տեսնում։

— Ես ուզում եմ,― կիսաձայն, բայց հաստատ ասաց Գանյան, աչքերը խոնարհեց ու մռայլած լռեց։

Գեներալը բավարարված էր։ Գեներալը մի քիչ տաքացել էր, բայց ըստ երևույթին արդեն զղջում էր, որ այդքան հեռnւ էր գնացել։ Նա հանկարծ շրջվեց իշխանի կողմը և, թվում է, նրա դեմքի վրա սահեց մի անհանգիստ միտք, ախր իշխանն այստեղ էր և, համենայն դեպս, լսում էր։ Բայց նա վայրկենապես հանգստացավ. իշխանի վրա մի հայացք գցելով կարելի էր լիովին հանգստանալ։

— Օհո՜,— բացականչեց գեներալը, նայելով իշխանի ներկայացրած գեղագրության նմուշին,— սա իսկական վայելչագրություն է։ Եվ այն էլ հազվագյուտ վայելչագրություն։ Մի տես, Գանյա, ի՜նչ տաղանդ է։

Վելենյան ստվար թղթի թերթի վրա միջնադարյան ռուսական տառատեսակով իշխանը գրել էր հետևյալ նախադասությունը.

«Խոնարհ վանահայր Պաֆնուտին իր ստորագրությունը դրեց»։

— Ահա սա,— պարզաբանում էր իշխանը արտակարգ գոհունակությամբ ու ոգևորությամբ,― սա Պաֆնուտի վանահոր սեփական ստորագրությունն է, տասնչորսերորդ դարի արտանկարից։ Նրանք հիանալի էին ստորագրում, մեր բոլոր այդ հին վանահայրերն ու միտրոպոլիտները, և երբեմն ինչպիսի՜ ճաշակով, ինչպիսի՜ ջանասիրությամբ։ Մի՞թե դուք չունեք գոնե Պոգոդինի հրատարակությունը, գեներալ։ Հետո ես ահա այստեղ գրել եմ ուրիշ տառատեսակով. սա անցյալ դարի ֆրանսիական կլորադիր խոշոր աառատեսակն է, որոշ տառեր նույնիսկ ուրիշ տեսակ էին դրվում, գռեհների տառատեսակը, ժողովրդական գրագիրների տառատեսակը, որ փոխ է առնված նրանց նմուշներից (ես մի այդպիսի նմուշ ունեի),— համաձայնեցեք, որ նա զուրկ չէ արժանիքներից։ Նայեցեք այս կլոր d֊ին, a֊ին։ Ես ֆրանսիական բնույթը տեղափոխել եմ ռուսական տառերի մեջ, որ շատ դժվար է․ բայց հաջող է ստացվել։ Ահա ևս մի հիանալի և յուրօրինակ տառատեսակ, ահա այս նախադասությունը. «Եռանդը ամեն ինչ հաղթահարում է»։ Սա ռուսական, գրագրային, եթե կուզեք՝ ռազմագրագրային տառատեսակ է։ Այսպես գրվում է բարձրաստիճան անձնավորության հասցեագրված պաշտոնական թուղթը, նույնպես կլոր տառատեսակ է, հրաշալի, սև տառատեսակ, սև է գրված, բայց երևելի ճաշակով։ Գեղագիրը թույլ չէր տա այս բոլորազարդերը կամ, լավ է ասել, այս պոչիկները,— նկատո՞ւմ եք,— իսկ ամբողջությամբ, նայեցեք, չէ՞ որ նա բնավորություն ունի, և իրավ, այստեղ արտահայտվել է ամբողջ ռազմագրագրային ոգին, թեև կուզենար իրեն ազատություն տալ, և տաղանդն էլ է դրան ձգտում, բայց զինվորական օձիքը ամուր կոճկած է կեռիկով, և ահա ձեռագրում էլ կարգապահություն է ստացվել, հիանալի բան։ Վերջերս ինձ մի այդպիսի նմուշ զարմացրեց, պատահաբար գտա, այն էլ որտեղ, Շվեյցարիայում։ Իսկ ահա սա, հասարակ, սովորական և զուտ անգլիական տառատեսակ է. նրբագեղությունը սրանից ավելի չի կարող լինել, այստեղ ամեն ինչ հիացք է, հուլունք, մարգարիտ. սա ավարտուն է. բայց ահա և մի տարատեսակ, և դարձյալ ֆրանսիական. ես սա մի ֆրանսիացի ճանապարհորդ գործակատարից եմ ընդօրինակել. նույն անգլիական տառատեսակն է, բայց սև գիծը շատ աննշան չափով ավելի սև ու հաստ է, քան անգլիականում, և ահա լույսի համաչափությունը խախտված է. նկատեցեք նաև, օվալը փոփոխված է, մի փոքր ավելի կլոր է և, բացի այդ, թույլ է տրված բոլորազարդ, իսկ բոլորազարդը ամենավտանգավոր բանն է։ Բոլորազարդը արտասովոր ճաշակ է պահանջում, բայց եթե միայն հաջողվել է, եթե միայն գտնված է համաչափությունը, ապա այդպիսի տառատեսակը ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել, նույնիսկ այնպես, որ կարելի է սիրահարվել դրան։

― Օհո՜, այս ի՞նչ նրբությունների մեջ եք ընկնում,— ծիծաղում էր գեներալը,— դուք, եղբայր, ոչ թե ուղղակի գեղագիր եք, դուք արտիստ եք, հը՞, Գանյա։

— Զարմանալի է,— ասաց Գանյան,― և նույնիսկ իր կոչման գիտակցությունն ունի,— ավելացրեց նա ծաղրական ծիծաղով։

— Ծիծաղիր, ծիծաղիր, բայց ախր սրանում կարիերա կա,— ասաց գեներալը։— Գիտե՞ք, իշխան, հիմա ինչ անձնավորության հասցեագրված թղթեր կտանք ձեզ գրելու։ Ձեզ կարելի է ուղղակի ամսական երեսունհինգ ոուբլի նշանակել հենց առաջին քայլից։ Բայց արդեն մեկի կեսն է,— եզրափակեց նա ժամացույցին նայելով,— գործի անցեք, իշխան, որովհետև ես պետք է շտապեմ, իսկ այսօր գուցե մենք իրար չենք հանդիպի։ Նստեցեք մի րոպե, ես ձեզ արդեն բացատրեցի, որ ի վիճակի չեմ ձեզ շատ հաճախ ընդունելու, բայց ձեզ մի քիչ օգնել, անկեղծորեն ցանկանում եմ, հասկանալի է, շատ քիչ, ծայրահեղ անհրաժեշտ չափով, իսկ հետո ինչպես ինքներդ կուզենաք։ Գրասենյակում մի գործ կճարեմ ձեզ համար, ոչ դժվար, բայց կպահանջվի ճշտապահություն։ Հիմա հետագայի մասին. Գավրիլիա Արդալիոնովիչ Իվոլգինի, ահա իմ այս երիտասարդ բարեկամի, որի հետ խնդրում եմ ծանոթանալ, ահա նրա տանը, այսինքն՝ ընտանիքում, նրա մայրիկը և քույրիկը իրենց բնակարանում երկու-երեք կահավորված սենյակ են մաքրել և վարձով են տալիս շատ լավ հանձնարարական ունեցող կենվորների, ճաշն ու ծառան էլ հետը։ Իմ հանձնարարականը, համոզված եմ, Նինա Ալեքսանդրովնան կընդունի։ Իսկ ձեզ համար, իշխան, դա ավելի քան գանձ է, նախ՝ նրա համար, որ մենակ չեք լինի, այլ, այսպես ասած, ընտանիքի ընդերքում, իսկ իմ տեսակետով, չի կարելի, որ դուք առաջին իսկ քայլից մենակ լինեք Պետերբուրգի պես մայրաքաղաքում։ Նինա Ալեքսանդրովնան՝ մայրիկը, և Վարվառա Արդալիոնովնան՝ քույրիկը, կանայք են, որոնց ես չափազանց հարգում եմ։ Նինա Ալեքսանդրովնան կինն է Արդալիոն Ալեքսանդրովիչի, պաշտոնաթող գեներալի, սկզբնական ծառայության իմ նախկին ընկերոջ, որի հետ, սակայն, որոշ հանգամանքների պատճառով հարաբերություններս դադարեցրել եմ, որը, ի դեպ, չի խանգարում, որ ես յուրով ի հարգեմ նրան։ Այս բոլորը ձեզ պարզաբանում եմ, իշխան, որպեսզի հասկանաք, որ ես ձեզ անձամբ եմ հանձնարարում, հետևաբար, դրանով կարծեք թե երաշխավորում ձեզ համար։ Վարձը շատ չափավոր է, և ես հուսով եմ, շուտով ձեր ռոճիկը միանգամայն բավարար կլինի դրա համար։ Ճիշտ է, մարդուն հարկավոր է նաև գրպանի փող, գոնե մի քիչ, բայց չնեղանաք, իշխան, եթե նկատեմ, որ ավելի լավ է խուսափեք գրպանի փողից և առհասարակ գրպանում փող պահելուց։ Այսպես ասում եմ ձեզնից ստացած տպավորությունիցս ելնելով։ Բայց քանի որ ձեր քսակը հիմա բոլորովին դատարկ է, ապա նախնական ծախսերի համար թույլ տվեք ձեզ առաջարկել ահա այս քսանհինգ ռուբլին։ Մենք, իհարկե, մեր հաշիվները կմաքրենք, և եթե դուք այդպիսի անկեղծ ու սրտազեղ մարդ եք, ինչպիսին թվում եք խոսքով, ապա այստեղ էլ մեր մեջ դժվարություններ առաջանալ չեն կարող։ Իսկ որ ձեզանով այսպես հետաքրքրվում եմ, դա նրանից է, որ ձեր նկատմամբ նույնիսկ որոշ նպատակ ունեմ, հետագայում դա կիմանաք։ Տեսնո՞ւմ եք, ձեզ հետ բոլորովին պարզ եմ. հուսով եմ, Գանյա, դու ոչնչով դեմ չե՞ս իշխանին ձեր բնակարանում տեղավորելուն։

— Օ, ընդհակառակը։ Մայրիկս էլ շատ ուրախ կլինի․․․— քաղաքավարի ու պատրաստակամորեն հաստատեց Գանյան։

— Ձեզ մոտ, կարծեմ, դեռ միայն մի սենյակ է զբաղված։ Այդ, անունն ի՞նչ էր, Ֆերդ... Ֆեր․․․

— Ֆերդիշչենկոն։

— Այո. դուր չի գալիս ինձ ձեր այդ Ֆերդիշչենկոն, լկտի խեղկատակի մեկն է։ Եվ չեմ հասկանում, թե ինչու է նրան այդպես խրախուսում Նաստասյա Ֆիլիպովնան։ Իսկապե՞ս Ֆերդիշչենկոն նրա ազգականն է։

— Օ, ոչ, այդ բոլորը կատակ է։ Ազգականության հոտ էլ չկա։

— Դե, սատանան նրա հետ, հնչպե՞ս ուրեմն, իշխան, դուք գո՞հ եք, թե ոչ։

— Շնորհակալ եմ, գեներալ, դուք ինձ հետ վերաբերվեցիք որպես չափազանց բարի մարդ, առավել ևս, որ ես նույնիսկ չէի խնդրում. ես սա ասում եմ ոչ թե հպարտությունից դրդված. ես իսկապես չգիտեի, թե ուր պիտի գլուխս վայր դնեի։ Ինձ, ճիշտ է, առավոտյան կանչեց Ռոգոժինը։

— Ռոգո՞ժինը։ Է՜, ոչ. ես ձեզ խորհուրդ կտայի հայրաբար, կամ, եթե ավելի շատ եք հավանում, մտերմաբար, բոլորովին մոռանալ պարոն Ռոգոժինի մասին։ Եվ առհասարակ խորհուրդ կտայի մոտ լինել այն ընտանիքին, որը մտնելու եք։

— Եթե դուք այդքան բարի եք,— սկսեց իշխանը,— ապա ես ահա մի գործ ունեմ։ Ես ծանուցում եմ ստացել...

— Ոչ, ներեցեք,— ընդհատեց գեներալը,— հիմա այլևս ոչ մի րոպե չունեմ։ Այժմ ձեր մասին կասեմ Լիզավետա Պրոկոֆևնային. եթե նա ցանկանա ձեզ ընդունել հենց հիմա (ես կաշխատեմ ձեզ այդպես ներկայացնել), ապա խորհուրդ եմ տալիս առիթից օգտվել և դուր գալ, որովհետև Լիզավետա Պրոկոֆևնան կարող է ձեզ շատ պետք գալ․ չէ՞ որ դուք միևնույն ազգանունն ունեք։ Եթե չուզենա, մի բարկացեք, երբևէ մի ուրիշ անգամ։ Իսկ դու, Գանյա, առայժմ նայիր այս հաշիվները։ Մենք քիչ առաջ Ֆեդոսեևի հետ գլուխ էինք կոտրում։ Դրանք չպետք է մոռանալ անցկացնել․․․

Գեներալը դուրս եկավ, և իշխանն այդպես էլ չհասցրեց պատմել իր գործի մասին, որի մասին սկսում էր խոսել ահա չորրորդ անգամ։ Գանյան ծխախոտ վառեց, մի հատ էլ առաջարկեց իշխանին, իշխանն ընդունեց, բայց խոսակցություն չէր սկսում, չուզենալով խանգարել, և սկսեց զննել առանձնասենյակը, բայց Գանյան հազիվ նայեց գեներալի ցույց տված թղթի թերթին, որն ամբողջովին ծածկված էր թվերով։ Նա մտացրիվ էր. Գանյայի ժպիտը, հայացքը, մտածկոտությունն իշխանի համար ավելի ծանր դարձան, երբ նրանք երկուսով մնացին մենակ։ Հանկարծ նա մոտեցավ իշխանին․ այդ րոպեին սա դարձյալ կանգնած էր Նաստասյա Ֆիլիպովնայի պատկերի առաջ և ուշադիր դիտում էր։

— Ուրեմն ձեզ դո՞ւր է գալիս այսպիսի կինը, իշխան,— հանկարծ հարցրեց Գանյան, թափանցող հայացքով նայելով նրան։ Եվ կարծես նա ինչ֊որ արտակարգ մտադրություն ուներ։

— Զարմանալի դեմք է,— պատասխանեց իշխանը,— և ես համոզված եմ, որ նրա ճակատագիրը սովորականներից չէ։ Դեմքը ուրախ է, բայց նա սարսափելի տառապել է, հը՞։ Այդ մասին աչքերն են ասում, ահա այս երկու ոսկրիկը, երկու կետը աչքերի տակ՝ այտերի սկզբին։ Սա հպարտ դեմք է, սարսափելի հպարտ, բայց չգիտեմ, բարի՞ է նա արդյոք։ Ախ, եթե բարի լիներ, ամեն ինչ փրկված կլիներ։

— Իսկ դուք կամուսնանայի՞ք այսպիսի մի կնոջ հետ,— շարունակեց Գանյան, իշխանից չկտրելով իր բորբոքված հայացքը։

― Ես չեմ կարող ամուսնանալ ոչ ոքի հետ, ես անառողջ եմ,— ասաց իշխանը։

— Իսկ Ոոգոժինը կամուսնանա՞ր։ Ի՞նչ եք կարծում։

— Ի՛նչ կա որ, ամուսնանալ, կարծում եմ, հենց վաղն էլ կարելի է. կամուսնանար, իսկ մի շաբաթ հետո, մեկ էլ տեսար, կմորթեր նրան։

Իշխանի այդ խոսքի վրա Գանյան հանկարծ այնպես ցնցվեց, որ իշխանը համարյա ճչաց.

— Ձեզ ի՞նչ պատահեց,— ասաց նա, բռնելով Գանյայի ձեռքը։

— Զերդ պայծառափայլություն։ Նորին գերազանցությունը խնդրում է ձեզ շնորհ բերել նորին գերազանցության տիկնոջ մոտ,— ազդարարեց սպասավորը, հայտնվելով դռան մեջ։ Իշխանը սպասավորի հետևից դուրս եկավ։

IV

Եպանչինի երեք աղջիկն էլ առողջ, ծաղկափթիթ, բարձրահասակ օրիորդներ էին, զարմանալի ուսերով, փարթամ կրծքով, գրեթե տղամարդու ձեռքերի պես ուժեղ ձեռքերով, և իհարկե, իրենց ուժի ու առողջության հետևանքով, սիրում էին երբեմն լավ ուտել, որը բնավ չէին էլ ուզում թաքցնել։ Նրանց մայրիկը՝ տիկին Լիզավետա Պրոկոֆևնան, երբեմն խեթ էր նայում նրանց անսքող ախորժակին, բայց քանի, որ նրա որոշ կարծիքներ, չնայած արտաքին ողջ հարգալիրությանը, որով ընդունում էին աղջիկները, ըստ էության վաղուց արդեն կորցրել էին նախնական և անվիճելի հեղինակությունր նրանց աչքին, և նույնիսկ այն աստիճան, որ բոլոր երեք աղջիկների ստեղծված համերաշխ կոնկլավը շատ հաճախ սկսել էր գերակշռել, ուստի գեներալի կինն էլ, սեփական արժանապատվությունը բարձր պահելու համար, ավելի հարմար համարեց չվիճել ու զիջել։ Ճիշտ է, բնավորությունը շատ հաճախ չէր լսում և չէր ենթարկվում խոհեմության վճիռներին․ Լիզավետա Պրոկոֆևնան տարեցտարի դառնում էր ավելի քմահաճ ու անհամբեր. դարձել էր նույնիսկ մի քիչ տարօրինակ, բայց քանի որ նրա ձեռքի տակ, համենայն դեպս, մնում էր չափազանց հնազանդ և վարժեցրած ամուսինը, ապա ավելորդն ու կուտակվածը սովորաբար թափվում էր նրա գլխին, և ապա ընտանիքում նորից վերականգնվում էր ներդաշնակությունը և ամեն ինչ ընթանում էր ավելի քան լավ։

Ասենք, գեներալի տիկինն էլ ախորժակը չէր կորցնում, և սովորաբար, ժամը մեկի կեսին աղջիկների հետ մասնակցում էր առատ նախաճաշին, որ համարյա թե ճաշի էր նմանվում։ Օրիորդները մեկական գավաթ սուրճ խմում էին դեռ ավելի վաղ, ուղիղ ժամը տասին, անկողնում, արթնանալու պահին։ Նրանք մեկընդմիշտ սիրել ու այդ կարգն էին հաստատել։ Իսկ ժամը մեկի կեսին սեղան էր բացվում մայրիկի սենյակների մոտի փոքրիկ սեղանատանը, և այդ ընտանեկան ու մտերմիկ նախաճաշին երբեմն հայտնվում էր նաև գեներալն ինքը, եթե ժամանակը ներում էր. բացի թեյից, սուրճից, պանրից, մեղրից, կարագից, տիկնոջ սիրած հատուկ յուղաբլիթից, կոտլետից և այլ բաներից, մատուցվում էր նաև թանձր, տաք մսաջուր։ Այն առավոտ, երբ սկսվեց մեր պատմությունը, ամբողջ ընտանիքը հավաքվել էր սեղանատանը, սպասելով գեներալին, որը խոստացել էր գալ մեկի կեսին։ Եթե նա գեթ մի րոպե ուշանար, նրա հետևից անմիջապես մարդ կուղարկեին. բայց նա ներկայացավ ճշտապահորեն. մոտենալով կնոջը նրան ողջունելու և ձեռքը համբուրելու, այս անգամ գեներալը նրա դեմքին նկատեց ինչ֊որ չափազանց առանձկահատուկ մի բան։ Ու թեև նա դեռ նախորդ օրը նախազգում էր, որ այսօր հենց այդպես էլ լինելու է մի «անեկդոտի» կապակցությամբ (ինչպես ինքն էր արտահայտվում ըստ իր սովորության) և, երեկ արդեն քնելիս, դրա համար անհանգստանում էր, բայց և այնպես հիմա նորից երկչոտեց. աղջիկները մոտեցան նրա հետ համբուրվելու, սրանք թեև չէին բարկանում հոր վրա, բայց և այնպես այստեղ էլ կարծես ինչ֊որ առանձնահատուկ բան կար։ Ճիշտ է, որոշ հանգամանքների պատճառով, գեներալը ավելորդ կասկածամիտ էր դարձել, բայց քանի որ նա փորձառու և ճարպիկ հայր և ամուսին էր, ապա իսկույն իր միջոցները ձեռք առավ։

Թերևս այնքան էլ չենք վնասի մեր պատմության ցայտունությանը, եթե այստեղ կանգ առնենք և դիմենք մի քանի պարզաբանումների օգնությանը, որպեսզի ուղղակի և ճշգրիտ նկարագրենք այն հարաբերություններն ու հանգամանքները, որոնցում գտնում ենք գեներալ Եպանչինի ընտանիքը մեր պատմության սկզբին։ Մենք նոր արդեն ասացինք, որ գեներալը թեև այնքան էլ կրթված մարդ չէր, այլ ընդհակառակը, ինչպես ինքն էր իր մասին արտահայտվում, «ինքնուս մարդ էր», բայց վարձված ամուսին և ճարպիկ հայր էր։ Ի միջի այլոց, նա սիստեմ էր ընդունել աղջիկներին չշտապեցնել ամուսնանալու, այսինքն՝ «հոգիներին չչոքել» և չափից ավելի չանհանգստացնել նրանց երջանկության համար իր ծնողական սիրո տանջանքներով, ինչպես ակամա և բնականորեն շատ հաճախ տեղի է ունենում նույնիսկ ամենախելացի ընտանիքներում, որտեղ կուտակվում են հասունացած աղջիկներ։ Նա նույնիսկ հասել էր այն բանին, որ Լիզավետա Պրոկոֆևնային էլ հակել էր իր սիստեմին, թեև դա առհասարակ դժվար բան էր, նրա համար դժվար, որ նաև անբնական էր, բայց գեներալի փաստարկումները չափազանց նշանակալից էին, հիմնվում էին շոշափելի փաստերի վրա։ Եվ ամբողջովին իրենց կամքին և իրենց վճիռներին թողնված հարսնացուներն էլ, չէ՞ որ, բնականաբար, ստիպված կլինեն վերջ ի վերջո խելքի գալ, և այն ժամանակ գործը կթեժանա, որովհետև գործի կանցնեն սիրով, քմահաճույքներն ու ավելորդ բծախնդրությունը մի կողմ թողած, ծնողներին կմնար միայն ավելի արթուն և որքան կարելի է աննկատելի հետևել, որպեսզի տեղի չունենա որևէ տարօրինակ ընտրություն կամ անբնական շեղում, և ապա, հարմար րոպեն որսալով, միանգամից բոլոր ուժերով օգնել և ամբողջ ազդեցությամբ ուղղություն տալ գործին։ Վերջապես, հենց լոկ այն, որ, օրինակ, տարեցտարի նրանց կարողությունն ու հասարակական դիրքն աճում էր երկրաչափական պրոգրեսիայով. հետևաբար, որքան ավելի էր անցնում ժամանակը, այնքան ավելի էին շահում աղջիկները, նույնիսկ որպես հարսնացուներ։ Բայց այդ բոլոր անհերքելի փաստերի կողքին հայտնվեց ևս մի փաստ. հանկարծ և համարյա բոլորովին անսպասելի (ինչպես որ միշտ լինում է դա) բոլորեց ու անցավ ավագ աղջկա Ալեքսանդրայի քսանհինգ տարին։ Գրեթե հենց այդ նույն ժամանակ Աֆանասի Իվանովիչ Տոցկին, բարձրաշխարհիկ մի մարդ, բարձր կապերի ու արտակարգ հարստության տեր, նորից դրսևորեց ամուսնանալու իր վաղեմի ցանկությունը։ Դա հիսունհինգին մոտ մի մարդ էր, նրբակիրթ բնավորությամբ և արտասովոր նուրբ ճաշակով։ Նա ուզում էր հաչող ամուսնանալ, նա գեղեցկության արտակարգ գնահատող էր։ Քանի որ մի որոշ ժամանակից ի վեր գեներալ Եպանչինի հետ արտասովոր մտերմություն էր հաստատել, որն առանձնապես ուժեղացել էր մի քանի ֆինանսական ձեռնարկներում ունեցած փոխադարձ մասնակցության շնորհիվ, ուստի հայտնել էր գեներալին, այսպես ասած, ընկերական խորհուրդ և ղեկավարություն խնդրելով՝ արդյոք հնարավո՞ր է, թե ոչ իր ամուսնության մտադրությունը նրա աղջիկներից մեկի հետ։ Գեներալ Եպանչինի ընտանեկան կյանքի խաղաղ և հրաշալի ընթացքի մեջ հասունանում էր ակնհայտ հեղաշրջում։

Ընտանիքում անվիճելի գեղեցկուհին, ինչպես արդեն ասվել է, կրտսերն էր՝ Ագլայան։ Բայց նույնիսկ Տոցկին ինքը, արտակարգ եսասեր մի մարդ, հասկացավ, որ ինքն այդտեղ չպետք է որոնի իր բախտը, և որ Ագլայան նրա համար չի նախանշված։ Միգուցե քույրերի փոքր-ինչ կույր սերը և չափից դուրս ջերմ բարեկամությունը չափազանցնում էին գործը, բայց իրենց մեջ ամենայն անկեղծությամբ որոշել էին, որ Ագլայայի ճակատագիրը պետք է լինի ոչ թե ուղղակի ճակատագիր, այլ երկրային դրախտի հնարավոր իդեալ։ Ագլայայի ապագա ամուսինը պետք է լիներ բոլոր կատարելությունների ու հաջողությունների տերը, չխոսելով արդեն հարըստության մասին։ Քույրերը նույնիսկ իրենց մեջ որոշել էին, և մի տեսակ՝ առանց հատուկ ավելորդ խոսքերի, որ եթե պետք լինի, իրենք զոհաբերություն անեն Ագլայայի օգտին. Ագլայայի համար նախատեսված էր մի հսկայական և արտասովոր օժիտ։ Ծնողները գիտեին երկու ավագ քույրերի համաձայնության մասին, ուստի երբ Տոցկին խորհուրդ խնդրեց, նրանք գրեթե նույնիսկ կասկած չունեին, որ ավագ քույրերից մեկը հավանաբար չի մերժի պսակել իրենց ցանկությունները, մանավանդ որ Աֆանասի Իվանովիչը չէր կարող դժվարանալ օժիտի հարցում։ Իսկ Տոցկու առաջարկը գեներալն ինքը, իրեն հատուկ կյանքի իմացությամբ, անմիջապես գնահատեց շատ բարձր։ Քանի որ Տոցկին ինքն էլ, որոշ հատուկ հանգամանքների պատճառով, իր քայլերում առայժմ չափազանց մեծ զգուշություն էր պահպանում և դեռ միայն շոշափում էր գործը, ապա ծնողներն էլ աղջիկներին այդ գործը ներկայացրին միայն որպես ամենահեռավոր ենթադրություն։ Ի պատասխան դրա, ծնողները նրանցից ստացել էին, նույնպես թեև ոչ բոլորովին որոշակի, բայց համենայն դեպս հանգստացուցիչ հայտարարություն, որ ավագը՝ Ալեքսանդրան, թերևս չմերժի․ նա թեև հաստատուն բնավորության տեր, բայց բարի, խելամիտ և չափազանց վարվեցող էր. կարող էր Տոցկուն մարդու գնալ նույնիսկ սիրով, և եթե խոսք տար, ապա ազնվությամբ կկատարեր իր խոսքը։ Արտաքին փայլը նա չէր սիրում, ոչ միայն չէր սպառնում գլխացավանք պատճառել ու կտրուկ հեղաշրջում առաջացնել, այլ նույնիսկ կարող էր քաղցրացնել և հանդարտեցնել կյանքը։ Նա շատ գեղեցիկ էր, թեև ոչ այնքան էֆեկտավոր։ Ավելի լավ ի՜նչ կարող էր լինել Տոցկու համար։

Եվ, սակայն, գործը շարունակում էր ընթանալ դեռ խարխափումով։ Փոխադարձաբար ու բարեկամաբար, Տոցկու և գեներալի միջև համաձայնություն էր կայացած առժամանակ խուսափել ամեն մի ձևական և անդառնալի քայլից։ Նույնիսկ ծնողները դեռ չէին սկսում աղջիկների հետ խոսել բոլորովին բացահայտ, կարծես նույնիսկ աններդաշնակություն էր սկսվում. գեներալի տիկինը, ընտանիքի մայրը, չգիտես ինչու, դժգոհ էր դառնում, իսկ դա շատ կարևոր էր։ Այստեղ ամեն ինչին խանգարող մի հանգամանք կար, մի դժվարին ու անհանգստացուցիչ դեպք, որի պատճառով ամբողջ գործը կարող էր անդառնալիորեն խափանվել։

Այդ դժվարին և գլխացավանք պատճառող «դեպքը» (ինչպես Տոցկին ինքն էր արտահայտվում) սկսվել էր դեռ շատ վաղուց, մոտ մի տասնութ տարի առաջ։ Կենտրոնական նահանգներից մեկում, Աֆանասի Իվանովիչի ամենահարուստ կալվածքներից մեկի կողքին թշվառ կացության մեջ ապրում էր մի մանր և շատ աղքատ կալվածատեր։ Նա հայտնի էր իր անընդհատ և անեկդոտային անհաջողություններով. մի պաշտոնաթող սպա ազնվական լավ տոհմից սերած, և այդ տեսակետից նույնիսկ ավելի լավ, քան Տոցկին, ոմն Ֆիլիպ Ալեքսանդրովիչ Բարաշկով։ Ամբողջովին պարտքերի մեջ թաղվելով և ունեցածը գրավ դնելով, նա արդեն կարողացել էր, վերջապես, տաժանելի, գրեթե գեղջկական աշխատանքի շնորհիվ իր փոքրիկ տնտեսությունը մի կերպ բավարար սարքել։ Նվազագույն հաջողության դեպքում նա քաջալերվում էր։ Քաջալերված ու պայծառ հույսերով նա մի քանի օրով մեկնեց իր գավառական քաղաքը, որպեսզի տեսնվի և, եթե հնարավոր եղավ, վերջնականապես համաձայնության գա իր մի՝ ամենագլխավոր, պարտատիրոջ հետ։ Քաղաք գալու երրորդ օրը նրա գյուղակից ձի հեծած հայտնվեց նրա տանուտերը, այրված այտով ու խանձված մորուքով, և ազդարարեց նրան, որ «կալվածքը այրվել է» երեկ, ուղիղ կեսօրին, ըստ որում «բարեհաճեց այրվել նաև տիկինը, իսկ մանկիկները ողջ մնացին»։

Նույնիսկ «ճակատագրի հարվածներից նախշված» Բարաշկովը չկարողացավ դիմանալ այդ սյուրպրիզին. նա խելագարվեց և մի ամիս հետո մեռավ տենդի մեջ։ Այրված կալվածքը, ցիրուցան եղած գեղջուկներով հանդերձ ծախեցին պարտքերի դիմաց. իսկ երկու փոքրիկ աղջիկների՝ Բարաշկովի վեց և ութ տարեկան երեխաների, խնամքն ու դաստիարակությունը մեծահոգաբար իր վրա վերցրեց Աֆանասի Իվանովիչ Տոցկին։ Նրանք սկսեցին դաստիարակվել Աֆանասի Իվանովիչի կառավարչի՝ մի պաշտոնաթող և բազմանդամ ընտանիքի տեր աստիճանավորի, ընդսմին գերմանացու, երեխաների հետ։ Շուտով մնաց միայն մի աղջիկը, Նաստասյան, փոքրը մեռավ կապույտ հազից, իսկ Տոցկին շատով բոլորովին մոռացավ նրանց երկուսին էլ, ապրելով արտասահմանում։ Մոտ հինգ տարի անց, մի անգամ, այդ կողմերով անցնելիս մտածեց մտնել իր կալվածքը և հանկարծ իր գյուղական տանը, իր գերմանացու ընտանիքում նկատեց մի սքանչելի երեխա, աշխույժ, անուշիկ, խելացի և արտասովոր գեղեցկություն խոստացող մոտ տասներկու տարեկան մի աղջիկ․ այդ տեսակետից Աֆանասի Իվանովիչը անսխալ գիտակ էր։ Այդ անգամ նա կալվածքում մնաց ընդամենը մի քանի օր, բայց հասցրեց կարգագրություն անել. աղջկա դաստիարակության մեջ զգալի փոփոխություն տեղի ունեցավ. հրավիրվեց մի հարգարժան ու տարեց դաստիարակչուհի, աղջիկների ընտիր դաստիարակության մեջ փորձված, կրթված մի շվեյցարուհի, որը բացի ֆրանսերենից, ավանդում էր նաև զանազան գիտություններ։ Նա բնակություն հաստատեց գյուղական տանը և փոքրիկ Նաստասիայի դաստիարակությունը արտակարգ չափեր ընդունեց։ Ուղիղ երեք տարի անց ավարտվեց այդ դաստիարակությունը. դաստիարակչուհին մեկնեց, իսկ Նաստյայի հետևից եկավ մի տիկին, նույնպես ինչ֊որ կալվածատիրուհի և նույնպես իր կալվածքով Տոցկու հարևանուհին, բայց արդեն մի այլ, հեռավոր նահանգում, և Նաստյային վերցրեց իր հետ, համաձայն Աֆանասի Իվանովիչի հրահանգի և լիազորության։ Այդ ոչ մեծ կալվածքում կար թեև ոչ մեծ, բայց նոր կառուցած փայտաշեն տուն, դա կահավորված էր առանձնահատուկ նրբաճաշակ, և գյուղակն էլ, կարծես դիտավորյալ, կոչվում էր Օտրադնոյե։ Կալվածատիրուհին Նաստյային բերեց ուղիղ այդ խաղաղ տնակը, և քանի որ նա ինքը, անզավակ այրի, ապրում էր այդտեղից ընդամենը մի վերստ հեռու, ապա ինքն էլ բնակություն հաստատեց Նաստյայի հետ։ Նաստյայի կողքին հայտնվեց պառավ մառանապետուհին և մի ջահել փորձված աղախին։ Տանը գտնվեցին երաժշտական գործիքներ, աղջկական նուրբ-ընտիր գրադարան. պատկերներ, էստամպներ, մատիտներ, վրձիններ, ներկեր, մի զարմանալի լևրետկա, իսկ երկու շաբաթ հետո շնորհ բերեց նաև ինքը՝ Աֆանասի Իվանովիչը... այն ժամանակվանից նա առանձնապես սիրեց իր այդ տափաստանային խուլ գյուղակը, ամեն ամառ գալիս էր, հյուր էր մնում երկու, նույնիսկ երեք ամիս, և այդպես անցավ բավական երկար ժամանակ, մոտ չորս տարի, հանդարտ ու երջանիկ, ճաշակով ու նրբագեղ։

Այնպես պատահեց, որ մի անգամ ձմռան սկզբին Աֆանասի Իվանովիչի՝ Օտրադնոյե կատարած այցելությունից մի չորս ամիս անց, ուր այս անգամ նա եկել էր ընդամենը երկու շաբաթով միայն, լուր տարածվեց, կամ ավելի լավ է ասել՝ մի անգամ Նաստասյա Ֆիլիպովնային լուր հասավ, որ Աֆանասի Իվանովիչը Պետերբուրգում ամուսնանում է մի գեղեցկուհու, մի հարուստ ու տոհմիկ անձնավորության հետ․ մի խոսքով հուսալի ու փայլուն ընտրություն է կատարում։ Այդ լուրը հետո ոչ բոլոր մանրամասնություններով ճիշտ դուրս եկավ. հարսանիքն այն ժամանակ էլ դեռ միայն նախագծվում էր և դեռևս շատ անորոշ էր, բայց համենայն դեպս Նաստասյա Ֆիլիպովնայի ճակատագրի մեջ այդ ժամանակվանից տեղի ունեցավ արտակարգ հեղաշրջում։ Նա հանկարծ ցուցաբերեց արտասովոր վճռականություն և դրսևորեց ամենաանսպասելի բնավորություն։ Առանց երկար մտածելու, նա թողեց իր գյուղական տնակը և հանկարծ հայտնվեց Պետերբուրգում, ուղղակի Տոցկու մոտ, մեն-մենակ։ Սա զարմացավ, սկսեց խոսել, բայց հանկարծ, գրեթե առաջին իսկ բառից պարզվեց, որ բոլորովին պետք էր փոխել ոճը, ձայնի դիապազոնը, հաճելի և նրբակիրթ խոսակցությունների առաջվա թեմաները, որոնք մինչև այժմ գործածվում էին այնպիսի հաջողությամբ, տրամաբանությունը, ամեն, ամեն, ամեն ինչ։ Տոցկու առաջ նստած էր միանգամայն մի այլ կին, որը բոլորովին նման չէր նրան, որին նա ճանաչում էր մինչև այժմ և որին ընդամենը հուլիս ամսին թողել էր Օտրադնոյե գյուղակում։

Նախ և առաջ պարզվեց, որ այդ նոր կինը չափազանց շատ բան գիտեր ու հասկանում էր այնքան շատ, որ զարմանալ կարելի էր, թե նա որտեղի՞ց կարող էր ձեռք բերել այդպիսի տեղեկություններ, իր մեջ մշակել այդպիսի ճշգրիտ հասկացողություններ։ (Մի՞թե իր օրիորդական գրադարանից)։ Դեռ ավելին, նա նույնիսկ իրավաբանորեն չափազանց շատ բան էր հասկանում և դրականորեն գիտեր եթե ոչ բարձր հասարակությունը, ապա համենայն դեպս այն, թե ինչպես են որոշ գործեր ընթանում հասարակության մեջ, երկրորդ դա բոլորովին այն բնավորությունը չէր, ինչպես առաջ, այսինքն՝ ոչ թե ինչ֊որ երկչոտ, պանսիոնավարի անորոշ, երբեմն իր յուրօրինակ աշխուժությամբ ու միամտությամբ շատ հմայիչ, երբեմն թախծոտ ու մտախոհ, զարմացած, անվստահ, լացող ու անհանգիստ մի էակ։

Ոչ. այստեղ նրա առաջ քրքջում ու ամենաթունալի սարկազմներով նրան խայթում էր մի արտասովոր ու անսպասելի էակ, որը նրան ուղղակի հայանում էր, որ ինքը երբեք իր սրտում դեպի նա ոչինչ չի ունեցել բացի ամենախոր արհամարհանքից, սրտախառնուքի հասնող արհամարհանքից, որը վրա է հասել առաջին զարմանքից անմիջապես հետո։ Այդ նոր կինը հայտարարեց, որ իր համար բառիս բուն իմաստով միևնույն կլինի, եթե Տոցկին հենց հիմա և ում հետ ուզի՝ ամուսնանա, բայց, որ ինքը եկել է թույլ չտալու նրան այդ ամուսնությունը և թույլ չի տա չարությունից մղված, լոկ այն պատճառով, որ ինքը այդպես է ուզում, և որ, հետևաբար, այդպես էլ պետք է լինի՝ «դե, թեկուզ նրա համար, որ մի կուշտ ծիծաղեմ քեզ վրա, որովհետև հիմա ես էլ, վերջապես, ուզում եմ ծիծաղել»։

Համենայն դեպս այդպես էր արտահայտվում նա. թերևս նա չարտահայտեց այն ամենը, ինչ կար մտքում։ Բայց մինչ նոր Նաստասյա Ֆիլիպովնան քրքջում էր և շարադրում այդ ամենը, Աֆանասի Իվանովիչն իր համար մտմտում էր այդ գործը և, ըստ հնարավորին, կարգի էր բերում իր փոքր-ինչ ցաք ու ցրիվ մտքերը։ Այդ մտմտուքը քիչ ժամանակ չտևեց. նա խորամուխ էր լինում, վերջնական վճիռ էր կայացնում գրեթե երկու շաբաթ, բայց երկու շաբաթ հետո նրա վճիռն ընդունված էր։ Բանն այն է, որ այդ ժամանակ Աֆանասի Իվանովիչի տարիքն արդեն հիսունին մոտ էր և նա վերին աստիճանի պատկառելի ու հաստատուն դիրքի մարդ էր։ Նա արդեն շատ վաղուց հաստատվել էր բարձր հասարակության մեջ ամենաամուր հիմքերի վրա։ Իրեն, իր անդորրն ու բարեհարմարությունը սիրում ու գնահատում էր աշխարհում ամենից ավելի, ինչպես և հարկ էր վերին աստիճանի կանոնավոր մարդուն։ Ոչ մի նվազագույն խախտում, ոչ մի նվազագույն տատանում չէր կարող թույլ տրվել այն կարգ ու կանոնի մեջ, որը հաստատվել էր ամբողջ կյանքով և այդպիսի սքանչելի ձև ընդունել։ Մյուս կողմից, փորձառությունն ու իրերի նկատմամբ խոր հայացքը շատ շուտով և զարմանալի ճիշտ թելադրեցին Տոցկուն, որ նա հիմա գործ ունի բոլորովին արտակարգ էակի հետ, որ դա հենց այնպիսի էակ է, որը ոչ միայն սպառնում է, այլև անպայման կանի, և գլխավորը, վճռականապես ոչ մի բանի առաջ կանգ չի առնի, առավել ես, որ վճռականապես ոչ մի բան թանկ չի գնահատում հասարակության մեջ, այնպես որ նրան նույնիսկ գայթակղեցնելն անհնար է։ Ըստ երևույթին այստեղ մի ուրիշ բան կար, ենթադրվում էր ինչ֊որ հոգեկան ու զգացմունքային խառնուչք, ինչ֊որ վիպական զայրույթի նման մի բան՝ աստված գիտի ում վրա և ինչի համար, չափից բոլորովին դուրս թռած անկշտում արհամարհանքի ինչ֊որ զգացմունք, մի խոսքով, ինչ֊որ վերին աստիճանի ծիծաղելի և կարգին հասարակության մեջ անթույլատրելի մի բան, որին հանդիպելն ամեն մի կարգին մարդու համար իսկական աստծու պատիժ է։ Հասկանալի է, Տոցկու հարստությամբ ու կապերով կարելի էր անմիջապես մի որևէ փոքրիկ ու միանգամայն անմեղ չարագործություն անել տհաճությունից ազատվելու համար։ Մյուս կողմից, ակներև էր, որ Նաստասյա Ֆիլիպովնան ինքն էլ, ասենք, օրինակ, թեկուզ իրավաբանական իմաստով ի վիճակի չէր գրեթե ոչ մի վնասակար բան անելու, նույնիսկ նշանակալից սկանդալ էլ չէր կարող անել, որովհետև միշտ այնքան հեշտ կարելի էր նրան սահմանափակել։ Բայց այդ բոլորը այն դեպքում միայն, եթե Նաստասյա Ֆիլիպովնան որոշեր գործել, ինչպես բոլորը, և ինչպես առհասարակ նման դեպքերում գործում են, այսինքն՝ առանց խիստ արտառոց ձևով չափից դուրս թռչելու։ Բայց հենց այստեղ էր, որ Տոցկուն պետք եկավ իր ճիշտ հայացքը, նա կարողացավ կռահել, որ Նաստասյա Ֆիլիպովնան ինքն էլ շատ լավ հասկանում է, թե որքան անվնաս է ինքը իրավաբանական իմաստով, բայց որ բոլորովին այլ բան կա նրա մտքում և... փայլատակող աչքերում։ Ոչ մի բան թանկ չգնահատելով, իսկ ամենից առավել իրեն (պետք էր շատ խելք և խորաթափանցություն ունենալ այդ րոպեին գլխի ընկնելու համար, որ Նաստասյա Ֆիլիպովնան վաղուց արդեն դադարել էր ինքն իրեն թանկ գնահատելուց և որպեսզի Տոցկին, այդ սկեպտիկն ու բարձրաշխարհիկ ցինիկը, հավատար այդ զգացմունքի լրջությանը), Նաստասյա Ֆիլիպովնան ի վիճակի էր կործանելու իրեն՝ անվերադարձ ու այլանդակ ձևով, Սիբիրով ու տաժանակրությամբ, միայն թե ծաղրեր այն մարդուն, որի նկատմամբ նա այդպիսի անմարդկային նողկանք էր զգում։ Աֆանասի Իվանովիչը երբեք չէր թաքցնում, որ մի քիչ վախկոտ էր կամ, ավելի լավ է ասել, վերին աստիճանի պահպանողական։ Եթե նա գիտենար, օրինակ, որ իրեն կսպանեն պսակադրության ժամանակ կամ դրա նման մի բան կպատահի, որևէ արտասովոր անվայելուչ, ծիծաղելի և հասարակության մեջ չընդունված բան, ապա նա, իհարկե, կվախենար, բայց ընդսմին ոչ այնքան նրանից, որ իրեն կսպանեն ու արյունալի վերք կհասցնեն կամ հրապարակորեն կթքեն երեսին և այլն, և այլն, այլ նրանից, որ դա նրա հետ կկատարվեր այդպիսի անբնական ու տհաճ ձևով։ Բայց չէ՞ որ Նաստասյա Ֆիլիպովնան հենց այդ էր նախատեսում, թեպետև դեռ լռում էր այդ մասին. Տոցկին գիտեր, որ Նաստասյա Ֆիլիպովնան վերին աստիճանի հասկանում էր նրան և ուսումնասիրել էր, և հետևաբար գիտեր, թե ինչով հարվածի նրան։ Իսկ քանի որ հարսանիքը իրոք դեռ միայն մտադրություն էր, ապա Աֆանասի Իվանովիչը հնազանդվեց և զիջեց Նաստասյա Ֆիլիպովնային։

Նրա որոշմանն օգնեց մի հանգամանք ևս. դժվար էր պատկերացնել, թե այդ նոր Նաստասյա Ֆիլիպովնան դեմքով որ աստիճանի նման չէր նախկինին։ Առաջ նա լոկ շատ սիրունիկ աղջնակ էր, իսկ հիմա... Տոցկին երկար ժամանակ չէր կարողանում ներել իրեն, որ չորս տարի նայում էր ու ինչպես հարկն է չէր տեսել։ Ճիշտ է, մեծ նշանակություն ունի և այն, երբ երկուստեք, ներքնապես ու անակնկալ, հեղաշրջում է կատարվում։ Ասենք, նա մտաբերում էր առաջ էլ ակնթարթներ, երբ երբեմն տարօրինակ մտքեր էին անցնում նրա գլխով, երբ նայում էր, օրինակ, այդ աչքերին, կարծես թե նրանց մեջ նախազգացվում էր ինչ-որ խորունկ ու խորհրդավոր խավար։ Այդ հայացքն այնպես էր նայում, կարծես թե հանելուկ էր առաջադրում։ Վերջին երկու տարին նա հաճախ էր զարմանում Նաստասյա Ֆիլիպովնայի դեմքի գույնի փոփոխությանը. նա սարսափելի գունատվում էր և, տարօրինակ բան, նույնիսկ գեղեցկանում էր դրանից։ Տոցկին, որն ինչպես և իրենց կյանքում շատ թրև եկած բոլոր ջենտլմենները, սկզբում արհամարհանքով էր նայում, թե որքան էժան նրա ձեռքն ընկավ այդ չապրած հոգին, վերջին ժամանակներս մի քիչ սկսեց կասկածել իր հայացքին։ Բոլոր դեպքերում, դեռ անցյալ գարնանը նա որոշել էր շուտով շատ լավ և մեծ գույքով ամուսնացնել Նաստասյա Ֆիլիպովնային մի ուրիշ նահանգում ծառայող որևէ խելամիտ և օրինավոր պարոնի հետ։ (Օ, ի՜նչ սարսափելի և ինչպե՜ս չար ծիծաղում էր հիմա Նաստասյա Ֆիլիպովնան դրա վրա)։ Բայց հիմա Աֆանասի Իվանովիչը նորությամբ հրապուրված, նույնիսկ մտածեց, որ կարող էր նորից շահագործել այդ կնոջը։ Նա որոշեց Նաստասյա Ֆիլիպովնային տեղավորել Պետերբուրգում և շրջապատել շքեղ բարեհարմարությամբ։ Կամ մեկը, կամ մյուսը, Նաստասյա Ֆիլիպովնայով նույնիսկ կարելի էր պարծենալ, նույնիսկ մի քիչ սնափառություն անել որոշ շրջանակում։ Պետք է ասել, որ Աֆանասի Իվանիչը շատ թանկ էր գնահատում իր այդ կարգի փառքը։

Արդեն անցել էր պետերբուրգյան կյանքի հինգ տարի, և, հասկանալի է, այդ ժամանակամիջոցում շատ բան էր որոշակի դարձել․ Աֆանասի Իվանովիչի դրությունն անմխիթարական էր. ամենից վատն այն էր, որ մի անգամ վախենալով, հետո արդեն ոչ մի կերպ չէր կարող հանգստանալ։ Նա վախենում էր — և նույնիսկ ինքն էլ չգիտեր, թե ինչից,— ուղղակի վախենում էր Նաստասյա Ֆիլիպովնայից։ Մի որոշ ժամանակ, առաջին երկու տարին, նա սկսեց կասկածել, թե Նաստասյա Ֆիլիպովնան ինքն է ուզում նրա հետ ամուսնանալ, բայց լռում է անսովոր սնափառությունից և համառորեն սպասում է նրա առաջարկին։ Այդպիսի հավակնությունը տարօրինակ կլիներ. Աֆանասի Իվանովիչը խոժոռվում և ծանր մտածմունքների մեջ էր ընկնում։ Մեծ և (այդպես է մարդկային սիրտը) փոքր֊ինչ տհաճ զարմանքով, նա հանկարծ մի առիթով համոզվեց, որ եթե ինքը նույնիսկ առաջարկություն աներ, ապա այդ առաջարկը չէին ընդունի։ Երկար ժամանակ նա այդ չէր հասկանում։ Նրան հնարավոր թվաց միայն մի բացատրություն, որ «վիրավորված և ֆանտաստիկ կնոջ» հպարտությունը արդեն այնպիսի մոլեգնության է հասնում, որ նրան ավելի հաճելի է մի անգամ ցույց տալ իր արհամարհանքը մերժումով, քան մեկընդմիշտ որոշակի դարձնել իր վիճակը և անհասանելի փառքի տիրանալ։ Ամենավատն այն էր, որ գերազանցությունը շատ մեծ չափով Նաստասյա Ֆիլիպովնայի կողմն էր։ Շահը, նույնիսկ շատ մեծ շահը, նույնպես չէր գայթակղեցնում նրան և թեպետ ընդունեց իրեն առաջարկված բարեհարմարությունը, բայց ապրում էր շատ համեստ և այդ հինգ տարվա ընթացքում ոչինչ չկուտակեց։ Աֆանասի Իվանովիչը ռիսկ արեց դիմելու շատ խորամանկ միջոցի, որպեսզի փշրի իր կապանքները, աննկատելի ու վարպետորեն նա սկսեց գայթակղեցնել Նաստասյա Ֆիլիպովնային ճարպիկ օգնության միջոցով, այլևայլ ամենաիդեալական գայթակղություններով, բայց մարմնացյալ իդեալները՝ իշխաններ, հուսարներ, դեսպանությունների քարտուղարներ, բանաստեղծներ, վիպասաններ, նույնիսկ սոցիալիստներ, ոչ մի բան Նաստասյա Ֆիլիպովնայի վրա ոչ մի տպավորություն չգործեց, կարծես նրա սրտի փոխարեն քար էր դրած, իսկ զգացմունքները չորացել, մեռել էին մեկընդմիշտ։ Նա մեծ մասամբ ապրում էր մեկուսացած, կարդում էր, նույնիսկ սովորում էր, սիրում էր երաժշտությունը. ծանոթություններ քիչ ուներ, նա շարունակ հարաբերություններ էր պահպանում ինչ֊որ խեղճ ու ծիծաղեքի չինովնիկների կանանց հետ, ճանաչում էր ինչ֊որ երկու դերասանուհու, ինչ֊որ պառավների, շատ էր սիրում մի հարգարժան ուսուցչի բազմանդամ ընտանիքը, և այդ ընտանիքում նրան էլ շատ էին սիրում և բավականությամբ ընդունում էին։ Բավական հաճախ նրա մոտ երեկոյան հավաքվում էին հինգ֊վեց հոգի ծանոթներ, ոչ ավելի։ Տոցկին գալիս էր շատ հաճախ և կանոնավոր։ Վերջերս ոչ առանց դժվարության Նաստասյա Ֆիլիպովնայի հետ ծանոթացել էր գեներալ Եպանչինը։ Միևնույն ժամանակ բոլորովին հեշտ և առանց որևէ ջանքի նրա հետ ծանոթացել էր նաև մի երիտասարդ չինովնիկ, Ֆերդիշչենկո ազգանունով, մի շատ անվայելուչ ու լկտի խեղկատակ, զվարթ մարդու հավակնությամբ ու խմող։ Ծանոթ էր մի երիտասարդ ու տարօրինակ մարդ, Պտիցին ազգանունով, համեստ, ճշտապահ ու օսլայած, որ ծագում էր աղքատ միջավայրից և դարձել էր վաշխառու։ Ծանոթացել էր, վերջապես, նաև Գավրիլա Արդալիոնովիչը․․․ վերջացավ նրանով, որ Նաստասյա Ֆիլիպովնայի մասին տարօրինակ համբավ հաստատվեց. նրա գեղեցկության մասին գիտեին բոլորը, բայց այդքան միայն, ոչ ոք չէր կարող ոչնչով պարծենալ, ոչ ոք չէր կարող ոչ մի բան պատմել։ Այդպիսի համբավը, նրա կրթությունը, նուրբ նիստուկացը, սրամտությունը, այս ամենը Աֆանասի Իվանովիչին վերջնականապես դրդեցին հաստատ կանգ առնել որոշ ծրագրի վրա։ Հենց այստեղ էլ սկսվում է այն պահը, որին այնքան գործոն ու արտակարգ մասնակցություն ունեցավ այս պատմության մեջ ինքը՝ գեներալ Եպանչինը։

Երբ Տոցկին այնպես սիրալիր դիմեց նրան, ընկերական խորհուրդ հարցնելով նրա աղջիկներից մեկի նկատմամբ, ապա հենց տեղնուտեղը, ամենաազնիվ ձևով լիակատար ու անկեղծ խոստովանություն արավ։ Նա հայտնեց, որ իր ազատությունն ստանալու համար վճռել է արդեն ոչ մի միջոցի առաջ կանգ չառնել, որ չէր հանգստանա, եթե նույնիսկ Նաստասյա Ֆիլիպովնան ինքը նրան հայտարարեր, թե այսուհետև նրան բոլորովին հանգիստ կթողնի, որ նրա համար միայն խոսքերը քիչ են, որ նրան հարկավոր են ամենալիակատար երաշխիքներ։ Պայմանավորվեցին և որոշեցին միասնաբար գործել։ Որոշել էին նախ և առաջ փորձել ամենամեղմ միջոցները և շոշափել, այսպես ասած, միայն «սրտի ազնիվ լարերը»։ Երկուսն էլ եկան Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ, և Տոցկին ուղղակի սկսեց նրանից, որ բացատրեց իր դրության անտանելի սարսափը. նա իրեն մեղադրեց ամեն ինչում. անկեղծորեն ասաց, որ չի կարող զղջալ իր առաջվա արարքի համար, որովհետև ինքն անուղղելի հեշտասեր է և անզոր է իշխելու իրեն, բայց որ հիմա ուզում է ամուսնանալ և որ այդ վերին աստիճանի վայելուչ և բարձրաշխարհիկ ամուսնության ողջ ճակատագիրը նրա ձեռքին է․ մի խոսքով, որ ինքը ամեն ինչ սպասում է նրա ազնիվ սրտից։ Ապա սկսեց խոսել գեներալ Եպանչինը որպես հայր և խոսում էր խելացի, տեղին, խուսափելով սրտառուչ խոսքերից, հիշատակեց միայն, որ լիովին ընդունում է Նաստասյա Ֆիլիպովնայի իրավունքը՝ որոշելու Աֆանասի Իվանովիչի բախտը, ճարպկորեն ցուցամոլեց սեփական հլությամբ, ցույց տալով, որ իր աղջկա, գուցե նաև մյուս աղջիկների բախտը հիմա կախված է Նաստասյա Ֆիլիպովնայի վճռից։ Նաստասյա Ֆիլիպովնայի այն հարցին, թե՝ «իրենից ի՞նչ են ուզում»,— Տոցկին առաջվա պես, միանգամայն անսքող շիտակությամբ խոստովանեց նրան, որ ինքը այնքան վախեցած է դեռևս հինգ տարի առաջ, որ նույնիսկ հիմա չի կարող լիովին հանգստանալ, մինչև որ Նաստասյա Ֆիլիպովնան ինքը չամուսնանա որևէ մեկի հետ։ Նա անմիջապես ավելացրեց, որ այդ խնդիրքը, իհարկե, անհեթեթություն կլիներ նրա կողմից, եթե ինքը դրա համար որոշ հիմքեր չունենար։ Նա շատ լավ նկատել և հաստատ իմացել է, որ ամենահարգարժան ընտանիքում ապրող շատ լավ ծագումով մի երիտասարդ, այսինքն՝ Գավրիլա Արդալիոնովիչ Իվոլգինը, որին Նաստասյա Ֆիլիպովնան ճանաչում և ընդունում է իր մոտ, արդեն վաղուց սիրում է նրան զգացմունքի ամբողջ ուժով և, իհարկե, կյանքի կեսը կտար նրա համակրանքը շահելու լոկ հույսի համար։ Այդ բանը խոստովանել է նրան՝ Աֆանասի Իվանովիչին Գավրիլա Արդալիոնովիչն ինքը, և արդեն վաղուց, մտերմաբար ու երիտասարդական անկեղծ սրտով, և որ այդ մասին արդեն վաղուց գիտի նաև երիտասարդին բարերարած Իվան Ֆյոդորովիչը։ Եվ վերջապես, եթե միայն նա, Աֆանասի Իվանովիչը, չի սխալվում, երիտասարդի սերը արդեն վաղուց հայտնի է իդեն՝ Նաստասյա Ֆիլիպովնային, և Տոցկուն նույնիսկ թվացել է, որ Նաստասյա Ֆիլիպովնան ներողամտությամբ է նայում այդ սիրուն։ Իհարկե, այդ մասին խոսելը ամենից ավելի դժվար է Տոցկու համար։ Բայց եթե Նաստասյա Ֆիլիպովնան նրա՝ Տոցկու մեջ բացի եսասիրությունից ու սեփական վիճակը կարդավորելու ցանկությունից ուզենար տեսնել գեթ մի փոքր բարիքի ցանկություն նաև նրան՝ Նաստասյա Ֆիլիպովնային, ապա կհասկանար, որ Տոցկու համար վաղուց տարօրինակ և նույնիսկ ծանր է Նաստասյա Ֆիլիպովնայի միայնությունը, որ այստեղ լոկ անորոշ խավար է տիրում, լիակատար անհավատություն կյանքի նորոգման նկատմամբ, որն այնպես հիանալի կարող էր հարություն առնել սիրո և ընտանիքի մեջ և այսպիսով նոր նպատակ ստանալ. որ այստեղ առկա է ընդունակությունների, թերևս փայլուն ընդունակությունների կործանում, կամավոր հիացում սեփական թախիծով, մի խոսքով, նույնիսկ որոշ ռոմանտիզմ, որ արժանի չէ Նաստասյա Ֆիլիպովնայի ոչ առողջ մտքին, ոչ ազնիվ սրտին։ Մի անգամ ևս կրկնելով, որ իր համար խոսելն ավելի դժվար է, քան մյուսների համար, նա եզրափակեց, որ չի կարող հրաժարվել այն հույսից, որ Նաստասյա Ֆիլիպովնան արհամարհանքով չի պատասխանի նրան, եթե նա իր անկեղծ ցանկությունը հայտնի Նաստասյա Ֆիլիպովնայի ապագա վիճակն ապահովելու և նրան առաջարկի յոթանասունհինգ հազար ռուբլու գումար։ Նա պարզաբանելով ավելացրեց, որ միևնույն է, այդ գումարն արդեն իր կտակի մեջ նշանակված է նրան. մի խոսքով, որ սա բնավ էլ որևէ փոխհատուցում չէ․․․ և որ, վերջապես, ինչո՞ւ հնարավոր չհամարել և չներել գեթ որևէ բանով խիղճը թեթևացնելու նրա մարդկային ցանկությանը և այլն, և այլն, այն ամենը, ինչ ասվում է նման դեպքերում այդ թեմայի շուրջը։ Աֆանասի Իվանովիչը խոսում էր երկար ու պերճախոս, ավելացնելով, այսպես ասած, հարևանցի, մի շատ հետաքրքիր տեղեկություն, որ այդ յոթանասունհինգ հազարի մասին նա ծպտուն հանեց հիմա առաջին անգամ և որ դրա մասին չգիտեր նույնիսկ Իվան Ֆյոդորովիչն ինքը, որ ահա այստեղ նստած է. մի խոսքով ոչ ոք չգիտի։

Նաստասյա Ֆիլիպովնայի պատասխանը զարմացրեց երկու բարեկամներին։

Նրա մեջ ոչ միայն չէր նկատվում առաջվա ծաղրի, առաջվա թշնամանքի, առաջվա քրքիջի ամենաչնչին հետքն անգամ, որի լոկ հիշողությունից մինչև հիմա սարսուռ էր անցնում Տոցկու մարմնով, այլ, ընդհակառակը, Նաստասյա Ֆիլիպովնան կարծես ուրախացավ, որ վերջապես որևէ մեկի հետ կարող է անկեղծ ու բարեկամաբար խոսել։ Նա խոստովանեց, որ ինքն էլ վաղուց ուզում էր բարեկամական խորհուրդ հարցնել, որ խանգարում էր միայն հպարտությունը, բայց որ հիմա, երբ սառույցը կոտրված է, ոչինչ չէր կարող դրանից լավ լինել։ Սկզբում թախծոտ ժպիտով, ապա զվարթ ու աշխույժ ծիծաղելով, նա խոստովանեց, որ համենայն դեպս առաջվա փոթորիկը չէր կարող լինել, որ նա վաղուց արդեն մասամբ փոխել է իրերի նկատմամբ իր հայացքը, և որ թեպետ սրտով չի փոխվել, բայց և այնպես ստիպված է եղել շատ բան ընդունել որպես կատարված փաստ. արվածն արված է, անցածն անցած, այնպես որ նրա համար նույնիսկ տարօրինակ է, որ Աֆանասի Իվանովիչը դեռ շարունակում է այդպես վախեցած լինել։ Այստեղ նա դիմեց Իվան Ֆյոդորովիչին և ամենախոր հարգանքի արտահայտությամբ հայտնեց, որ ինքը վաղուց արդեն շատ բան է լսել նրա աղջիկների մասին, և վաղուց արդեն վարժվել է խորապես ու անկեղծորեն հարգել նրանց։ Լոկ այն միտքը, թե ինքը գեթ որևէ բանով կարող է օգտակար լինել նրանց, թվում է, իր համար երջանկություն և հպարտություն կլիներ։ Այդ ճիշտ է, որ իր համար հիմա շատ ծանր ու տխուր է, շատ տխուր. Աֆանասի Իվանովիչը կռահել է նրա երազանքները. նա կուզենար վերածնվել եթե ոչ սիրո, գոնե ընտանիքի միջոցով, գիտակցելով նրա նպատակը, բայց որ Գավրիլա Արդալիոնովիչի մասին գրեթե ոչինչ չի կարող ասել։ Կարծես ճիշտ է, որ նա սիրում է նրան, զգում է, որ ինքն էլ կկարողանա նրան սիրել, եթե կարողանար հավատալ կապվածության հաստատությանը. բայց նա, եթե անգամ անկեղծ է, շատ ջահել է․ այստեղ դժվար է որոշել։ Հրեն, ի դեպ, ամենից ավելի դուր է գալիս այն, որ նա աշխատում է, չարչարվում և մենակ սատար լինում ամբողջ ընտանիքին։ Նա լսել է, որ Եվոլգինը եռանդուն, հպարտ մարդ է, որ ուզում է կարիերա ստեղծել, ուզում է ճանապարհ հարթել։ Լսել է նաև, որ Նինա Ալեքսանդրովնա Եվոլգինան՝ Գավրիլա Արդալիոնովիչի մայրը, հիանալի և վերին աստիճանի հարգարժան կին է, որ նրա քույրը՝ Վարվառա Արդալիոնովնան, հրաշալի և եռանդուն աղջիկ է. նրա մասին շատ է լսել Պտիցինից։ Լսել է, որ նրանք արիաբար տանում են իրենց դժբախտությունները. ինքը շատ կուզենար ծանոթանալ նրանց հետ, բայց դեռ հարց է, նրանք իրեն սրտաբաց կընդունե՞ն իրենց ընտանիքը։ Առհասարակ նա հակառակ ոչինչ չի ասում այդ ամուսնության հնարավորությանը, բայց այդ մասին դեռ շատ պետք է մտածել։ Կուզենար, որ իրեն չշտապեցնեն։ Ինչ վերաբերում է յոթանասունհինգ հազարին, ապա իզուր էր Աֆանասի Իվանովիչն այդպես դժվարանում ասել դրա մասին։ Ինքն էլ հասկանում է դրամի արժեքը և, իհարկե, կվերցնի։ Նա շնորհակալ է Աֆանասի Իվանովիչին նրբանկատության համար, նրա համար, որ նույնիսկ գեներալին չի ասել այդ մասին, ուր մնաց Գավրիլա Արդալիոնովիչին, և սակայն, ինչո՞ւ նա էլ վաղօրոք չիմանա դրա մասին։ Մտնելով նրանց ընտանիքը, նա պատճառ չունի այդ փողից ամաչելու։ Բոլոր դեպքերում նա ոչ ոքից մտադիր չէ ոչ մի բանի համար ներողություն խնդրելու և ուզում է, որ այդ գիտենան։ Նա Գավրիլա Արդալիոնովիչին մարդու չի գնա մինչև չհամոզվի, որ ոչ նա, ոչ ընտանիքը որևէ թաքնված միտք չունեն իր վերաբերյալ։ Համենայն դեպս, ինքը ոչ մի բանում իրեն մեղավոր չի համարում, և ավելի լավ է, թող Գավրիլա Արդալիոնովիչն իմանա, թե ինչ հիմունքներով է ինքը այս հինգ տարին ապրել Պետերբուրգում, ինչ հարաբերությունների մեջ է Աֆանասի Իվանովիչի հետ և արդյոք շա՞տ փող է կուտակել։ Վերջապես եթե ինքը հիմա ընդունում է դրամագլուխը, ապա բոլորովին ոչ որպես վարձատրություն իր կուսական անարգանքի, որում ինքը մեղավոր չէ, այլ ուղղակի որպես հատուցում աղավաղված ճակատագրի համար։

Ի վերջո նա նույնիսկ այնպես բորբոքվեց ու գրգռվեց այդ բոլորը շարադրելիս (որը, ի դեպ, այնքան բնական էր), որ գեներալ Եպանչինը շատ գոհ էր և գործը ավարտված էր համարում, բայց մի անգամ արդեն վախեցած Տոցկին հիմա էլ լրիվ չհավատաց, և երկար ժամանակ վախենում էր, թե արդյոք այստեղ էլ ծաղիկների մեջ օձ չի՞ թաքնված։ Սակայն բանակցություններն սկսվեցին. այն կետը, որի վրա հիմնված էր երկու բարեկամների ամբողջ մանևրը, այն է՝ Նաստասյա Ֆիլիպովնայի՝ Գանյայով հրապուրվելու հնարավորությունը, սկսեց սակավ առ սակավ պարզվել և արդարանալ, այնպես որ նույնիսկ Տոցկին սկսում էր երբեմն հավատալ հաջողության հնարավորությանը։ Այդ ընթացքում Նաստասյա Ֆիլիպովնան բացատրվեց Գանյայի հետ, խոսքեր շատ քիչ ասվեցին, կարծես Նաստասյա Ֆիլիպովնայի ողջախոհությունը վիրավորվում էր դրանից։ Սակայն նա հնարավոր էր համարում և Գանյային թույլատրում էր սիրել, բայց հաստատապես հայտարարեց, որ ոչնչով չի ուզում իրեն նեղել. որ նա մինչև բուն հարսանիքը (եթե հարսանիքը լինի) «ոչ» ասելու իրավունք է վերապահում իրեն, թեկուզև ամենավերջին ժամին. ճիշտ նույնպիսի իրավունք է տալիս նաև Գանյային։ Շուտով Գանյան հաճկատար դեպքի շնորհիվ հաստատ իմացավ, որ իր ամբողջ ընտանիքի անբարյացակամությունը այդ ամուսնության և անձամբ Նաստասյա Ֆիլիպովնայի նկատմամբ, որ երևում էր ընտանեկան տեսարաններից, արդեն բավական մանրամասնորեն հայտնի է Նաստասյա Ֆիլիպովնային. նա ինքն այդ մասին խոսք չէր բացում Գանյայի մոտ, բայց վերջինս ամեն օր սպասում էր դրան։ Ասենք, էլի շատ բան կարելի էր պատմել այն բոլոր պատմություններից ու հանգամանքներից, որոնք պարզվեցին այդ խնամախոսության ու բանակցությունների առիթով. բայց մենք առանց այն էլ առաջ վազեցինք, առավել ևս, որ որոշ հանգամանքներ հանդես էին գալիս դեռևս խիստ անորոշ լուրերի ձևով։ Օրինակ, իբրև թե Տոցկին չգիտես որտեղից իմացել էր, որ Նաստասյա Ֆիլիպովնան ինչ֊որ անորոշ և գաղտնի հարաբերություններ է ստեղծել Եպանչինա օրիորդների հետ. բոլորովին անհավատալի լուր։ Դրա փոխարեն մի ուրիշ լուրի նա հավատում էր և վախենում ինչպես կոշմարից․ համարյա հաստատ իմացել էր, որ Նաստասյա Ֆիլիպովնան իբր շատ լավ գիտի, որ Գանյան ամուսնանում է միայն փողի համար, որ Գանյայի հոգին սև է, ագահ, անհամբեր, նախանձոտ և անընդգրկելի, անհամեմատելի ինքնասեր, որ չնայած Գանյան առաջ իրոք կրքոտ կերպով աշխատում էր հաղթանակ տանել Նաստասյա Ֆիլիպովնայի նկատմամբ, բայց երբ երկու բարեկամները որոշեցին հօգուտ իրենց շահագործել երկու կողմից սկսվող այդ կիրքը և Գանյային գնել՝ Նաստասյա Ֆիլիպովնային վաճառելով նրան որպես սեփական կին, ապա Գանյան ատեց նրան ինչպես իր կոշմարը։ Իբրև թե նրա հոգում տարօրինակ ձևով միացան կիրքն ու ատելությունը ու թեև տանջալից տատանումներից հետո նա վերջապես տվեց «գարշելի կնոջ» հետ ամուսնանալու իր համաձայնությունը, բայց հոգու խորքում երդվեց դրա համար հետո վրեժ լուծել նրանից և, «հոգին հանել», ինչպես, իբրև թե, արտահայտվել էր ինքը։ Այդ ամենը Նաստասյա Ֆիլիպովնան իբրև թե գիտեր և թաքուն ինչ-որ բան էր պատրաստում։ Տոցկին արդեն այն աստիճան էր վախեցել, որ նույնիսկ դադարեց Եպանչինին հայտնել իր անհանգստությունների մասին. բայց լինում էին ակնթարթներ, որ նա, իբրև թույլ մարդ, կրկին վճռականապես քաջալերվում էր և արագ հարություն առնում հոգով, օրինակ, նա չափազանց սրտապնդվեց, երբ Նաստասյա Ֆիլիպովնան, վերջապես, խոսք տվեց երկու բարեկամներին, որ իր ծննդյան օրը, երեկոյան, կասի վերջին խոսքը։ Բայց ամենատարօրինակ և ամենաանհավատալի լուրը, որ վերաբերում էր հարգելի Իվան Ֆյոդորովիչին իրեն, ավա՜ղ, ավելի ու ավելի ճիշտ էր դուրս գալիս։

Այստեղ աոաջին հայացքից ամեն ինչ թվում էր զուտ անհեթեթություն։ Դժվար էր հավատալ, որ իբր Իվան Ֆյոդորովիչը, օր հարգարժան ծերության, իր գերազանց խելքով և կյանքի լիակատար ճանաչմամբ և այլն, և այլն, ինքը գայթակղվեց Նաստասյա Ֆիլիպովնայով, բայց իբրև թե այնպես, իբրև թե այն աստիճան, որ այդ քմահաճույքը գրեթե նման էր սիրո։ Դժվար է պատկերացնել, թե տվյալ դեպքում նա ինչի վրա էր հույսը դրել, գուցե և նույնիսկ հենց Գանյայի աջակցության։ Տոցկին համենայն դեպս դրա նման մի բան էր կասկածում, կասկածում էր գեներալի և Գանյայի փոխադարձ ըմբռնման վրա հիմնված ինչ֊որ համարյա անխոս պայմանագրի գոյությանը։ Ասենք, հայտնի է, որ կրքով շատ տարված մարդը, մանավանդ եթե նա տարիքն առած է, բոլորովին կուրանում է և պատրաստ է հույս տածել այնտեղ, որտեղ դա բոլորովին չկա. դեռ ավելին, խելքը կորցնում է և գործում է փոքր երեխայի պես, թեկուզև խելքի ծով լինի։ Հայտնի էր, որ Նաստասյա Ֆիլիպովնայի ծննդյան օրվա համար գեներալը իր կողմից նվեր էր պատրաստել՝ հսկայական գումար արժող մի զարմանալի մարգարիտ, թեև գիտեր, որ Նաստասյա Ֆիլիպովնան անշահասեր կին է։ Նաստասյա Ֆիլիպովնայի ծննդյան տոնի նախօրեին նա կարծես տենդի մեջ լիներ, թեպետև ճարպկորեն թաքցնում էր այդ։ Հենց այդ մարգարտի մասին է, որ իմացել էր գեներալի տիկին Եպանչինան։ Ճիշտ է, Ելիզավետա Պրոկոֆևնան արդեն շատ վաղուց սկսել էր զգալ իր ամուսնու թեթևսոլիկությունը, նույնիսկ մասամբ վարժվել էր դրան. բայց չէ՞ որ անհնար էր բաց թողնել այդպիսի դեպքը, մարգարտի մասին տարածված լուրը չափազանց հետաքրքրում էր նրան։ Գեներալը ժամանակին նկատել էր այդ. դեռ նախօրեին որոշ խոսքեր ասվել էին. նա սպասում էր, որ լինելու է հիմնավոր բացատրություն և վախենում էր դրանից։ Ահա թե ինչու այն առավոտ, որից սկսեցինք մեր պատմությունը, սաստիկ չէր ուզում գնալ ընտանիքի ընդերքը՝ նախաճաշելու։ Դեռ նախքան իշխանի հայտնվելը, նա որոշել էր պատճառ բռնել գործերը և խուսափել։ Խուսափել՝ գեներալի համար երբեմն նշանակում էր ուղղակի փախչել։ Նա ուզում էր գոնե մի օր և, գլխավորը, այսօրվա երեկոն շահել առանց տհաճությունների։ Եվ հանկարծ այդպես տեղին հայտնվեց իշխանը։ «Կարծես աստված ուղարկեց»,— մտածեց գեներալը, մտնելով կնոջ մոտ։

V

Գեներալի կինը խանդոտ էր իր ծագման նկատմամբ։ Ուրեմն ինչպես պիտի զգար իրեն, երբ ուղղակի ու առանց նախապատրաստության լսեց, որ տոհմի մեջ վերջին այդ իշխան Միշկինը, որի մասին նա արդեն ինչ֊որ բան լսել էր, ավելին չէ, քան մի խղճուկ ապուշ և համարյա թե աղքատ և աղքատության ողորմություն է ընդունում։ Գեներալը հենց տպավորություն գործելու նպատակն էր հետապնդում, որպեսզի միանգամից հետաքրքրի, որևէ կերպ ամեն ինչ այլ կողմ շեղի։

Արտակարգ դեպքերում գեներալի կինը սովորաբար սաստիկ չռում էր աչքերը և, մարմինը մի քիչ ետ գցելով, անորոշ նայում էր իր առաջ, առանց մի բառ արտասանելու։ Դա իր ամուսնու տարիքի, բարձրահասակ կին էր, թուխ, շատ ալեխառն, բայց դեռևս խիտ մազերով, փոքր-ինչ սապատավոր քթով, չորչորուկ, դեղին, փոս ընկած այտերով ու բարակ, ներս պրծած շրթունքներով։ Նրա ճակատը բարձր էր, բայց նեղ, մոխրագույն, բավական խոշոր աչքերը երբեմն բոլորովին անսպասելի արտահայտություն էին ունենում։ Մի ժամանակ նա թուլություն էր ունեցել հավատալու, թե իր հայացքը չտեսնված էֆեկտավոր է. այդ համոզմունքը նրա մեջ մնաց անջնջելի։

— Ընդունե՞լ։ Դուք ասում եք նրան ընդունեմ, հիմա՞, այս ժամի՞ն,— և գեներալի կինը ամբողջ ուժով աչքերը չռեց իրար անցած Իվան Ֆյոդորովիչի վրա։

— Օ՜, տվյալ դեպքում կարելի է առանց որևէ ձևականության, եթե միայն, բարեկամս, ուզում ես նրան տեսնել,— աճապարեց նրան բացատրել գեներալը։— Կատարյալ մանուկ է և նույնիսկ այնպես խղճուկ, ինչ֊որ հիվանդագին նոպաներ ունի. նա հիմա Շվեյցարիայից է գալիս, հենց նոր է վագոնից իջել, հագնված է տարօրինակ, կարծես գերմանացու պես, և ի լրումն, տառացիորեն ոչ մի կոպեկ չունի․ քիչ է մնում լաց լինի։ Ես նրան քսանհինգ ռուբլի նվիրեցի և ուզում եմ մեզ մոտ գրասենյակում գրագրի որևէ տեղ ճարել։ Իսկ ձեզ, mesdames, խնդրում եմ նրան հյուրասիրել, որովհետև, կարծես թե, նաև քաղցած է...

— Դուք ինձ զարմացնում եք,— առաջվա պես շարունակեց տիկինը,— քաղցած է և նոպաներ ունի։ Ի՞նչ նոպաներ։

— Օ, դրանք այնքան էլ հաճախ չեն կրկնվում, ընդսմին նա համարյա երեխայի պես է, բայց կրթված է։ Ես կուզենայի, mesdames,— նորից դիմեց նա աղջիկներին,— ձեզ խնդրել, որ քննեիք նրան, համենայն դեպս լավ կլիներ իմանալ, թե ինչի է նա ընդունակ։

— Քըն-ն-նե՞լ,— ծոր տվեց գեներալի կինը և խորին զարմանքով նորից սկսեց փոխնեփոխ աչքերը չռել մերթ աղջիկների, մերթ ամուսնու վրա։

— Ախ, բարեկամս, այդպիսի իմաստ մի տուր... ասենք, ինչպես կուզես, ես մտածում էի փայփայել նրան և մտցնել մեր տունը, որովհետև դա համարյա թե բարի գործ է։

— Մտցնել մեր տո՞ւնը։ Շվեյցարիայի՞ց։

— Շվեյցարիան այստեղ չի խանգարի. և սակայն, կրկնում եմ, ինչպես կուզես։ Դե ես նրա համար եմ ասում, որ, նախ, ազգանվանակից է և, կարող է պատահել, նույնիսկ ազգական, իսկ երկրորդ, չգիտի, թե գլուխն ուր դնի։ Ես նույնիսկ մտածեցի, որ քեզ համար որոշ չափով հետաքրքիր կլինի, որովհետև ինչքան չլինի մեր ազգանունն ունի։

— Իհարկե, maman եթե նրա հետ կարելի է առանց ձևականությունների, մանավանդ որ նա ճանապարհից եկած է և ուտել է ուզում, ինչո՞ւ չկերակրենք, եթե չգիտի, թե ուր գնա,— ասաց ավագը՝ Ալեքսանդրան։

— Եվ, ի հավելումն, կատարյալ մանուկ է, նրա հետ կարելի է պահմտոցի խաղալ։

— Պահմտոցի՞ խազալ։ Այդ ինչպե՞ս։

— Ախ, maman, վերջ տվեք, խնդրեմ, դերասանությանը,— սրդողած ընդհատեց Ագլայան։

Միջնեկը՝ ծիծաղկոտ Ադելաիդան, չդիմացավ ու փռթկաց։

— Կանչեցեք նրան, papa, maman-ն թույլ է տալիս,— վճռեց Ագլայան։ Գեներալը զանգ տվեց և պատվիրեց կանչել իշխանին։

— Բայց պայմանով, որ նրա վզին անպայման անձեռոցիկ կապեն, երբ սեղան նստի,— վճռեց գեներալի կինը,— կանչել Ֆյոդորին կամ թող Մավրան․․․ որպեսզի կանգնի նրա հետև ու հետևի նրան ուտելու ժամանակ։ Գոնե հանգի՞ստ է նա նոպաների ժամանակ։ Շարժումներ չի՞ անում արդյոք։

— Ընդհակառակը, նույնիսկ շատ լավ դաստիարակված է և հիանալի շարժուձևով։ Մի քիչ չափից ավելի պարզունակ է երբեմն... բայց ահա և նա ինքը։ Ահա, ներկայացնում եմ, իր ցեղի վերջին Միշկինը, ազգանվանակից և, կարող է պատահել, նույնիսկ ազգական, ընդունեցեք, գուրգուրեցեք։ Հիմա կգնան նախաճաշելու, իշխան, ուրեմն շնորհ արեք... իսկ ես, ներեցեք, ուշացա, շտապում եմ...

— Հայտնի է, թե ուր եք շտապում,— ծանրակշիռ ասաց գեներալի կինը։

— Շտապում եմ, շտապում, բարեկամս, ուշացա։ Եվ տվեք նրան ձեր ալբոմները, mesdames, թող նա այնտեղ ձեզ համար գրի, ինչպիսի՜ գեղագիր է, հազվագյուտ։ Տաղա՜նդ է․ այնպե՜ս գրեց այնտեղ ինձ մոտ հինավուրց ձեռագրով. «Վանահայր Պաֆնուտին իր ստորագրությունը դրեց․․․»։ Դե, ցտեսություն։

— Պաֆնո՞ւտին։ Վանահա՞յր։ Սպասեցեք, ախր սպասեցեք, ո՞ւր եք գնում և այդ ի՞նչ Պաֆնուտի է,— համառ զայրույթով և գրեթե տագնապալի բղավեց տիկինը փախչող ամուսնուն։

— Այո, այո, բարեկամս, հնում մի այդպիսի վանահայր կար... իսկ ես կոմսի մոտ եմ գնում, սպասում է, վաղուց, և, գլխավորը, ինքն է նշանակել... իշխան, ցտեսություն։

Գեներալն արագ քայլերով հեռացավ։

— Գիտեմ, թե ինչ կոմսի մոտ է գնում,— կոշտ ասաց Ելիզավետա Պրոկոֆևնան և գրգռված աչքերը դարձրեց իշխանին։— Էն ինչ էր,— սկսեց նա զզվանքով ու զայրացած մտաբերելով,— դե, ինչպե՞ս էր։ Ախ, հա. այդ ի՞նչ վանահայր էր։

— Maman,— սկսեց Ալեքսանդրան, իսկ Ագլայան նույնիսկ տոտիկը գետնին խփեց։

— Մի խանգարեք ինձ, Ալեքսանդրա Իվանովնա,— պարզ ու կտրուկ ասաց նրան գեներալի կինը,— ես էլ եմ ուզում գիտենալ։ Նստեցեք ահա այստեղ, իշխան, ահա այս դիմացի բազկաթոռին, ոչ, այստեղ, արևին, լույսին մոտիկ քաշեցեք, որպեսզի ես կարողանամ տեսնել։ Դե, այդ ի՞նչ վանահայր է։

— Պաֆնուտի վանահայրը,— պատասխանեց իշխանն ուշադիր և լուրջ։

— Պաֆնո՞ւտին։ Հետաքրքիր է․ դե, ի՞նչ մարդ է նա։

Գեներալի կինը հարցնում էր անհամբեր, արագ, կտրուկ, առանց աչքերը հեռացնելու իշխանից, իսկ երբ իշխանը պատասխանում էր, Լիզավետա Պրոկոֆևնան նրա ամեն մի խոսքի հետ գլուխը տմբացնում էր։

— Վանահայր Պաֆնուտին տասնչորսերորդ դարի մարդ է,— սկսեց իշխանը,— նա կառավարում էր Վոլգայի ափին, մեր այժմյան Կոստրոմայի նահանգում գտնվող մենաստանը։ Հայտնի էր իր սուրբ կյանքով, եղել է Հորդայում, օգնում էր կարգավորելու այն ժամանակվա գործերը և ստորագրել է մի գրության տակ, իսկ այդ ստորագրության նկարահանումը ես տեսել եմ։ Ինձ ձեռագիրը դուր եկավ, և ես դա սերտեցի։ Երբ քիչ առաջ գեներալն ուզեց տեսնել, թե ինչպես եմ գրում, որպեսզի ինձ տեղավորի աշխատանքի, ես մի քանի նախադասություն գրեցի տարբեր տառատեսակներով և ի միջի այլոց՝ «Վանահայր Պաֆնուտին իր ստորագրությունը դրեց»՝ վանահայր Պաֆնուտիի սեփական ձեռագրով։ Գեներալին շատ դուր եկավ, ահա հիմա դա հիշեց։

— Ագլայա,— ասաց տիկինը,— միտքդ պահիր. Պաֆնուտի, կամ ավելի լավ է՝ գրիր, թե չէ ես միշտ մոռանում եմ։ Ի դեպ, ես կարծում էի, թե ավելի հետաքրքիր բան կլինի։ Իսկ ո՞ւր է այդ ստորագրությունը։

— Կարծեմ, մնաց գեներալի կաբինետում, սեղանի վրա։

— Իսկույն մարդ ուղարկել և բերել։

— Ավելի լավ է, նորից գրեմ, եթե ուզում եք։

— Իհարկե, maman,— ասաց Ալեքսանդրան,— իսկ հիմա ավելի լավ է, նախաճաշեինք, մենք ուտել ենք ուզում։

— Այդ էլ ճիշտ է,— վճռեց գեներալի կինը,— գնանք, իշխան. դուք շա՞տ եք ուզում ուտել։

— Այո, հիմա սաստիկ ուզեցի և շատ շնորհակալ եմ ձեզնից։

— Այդ շատ լավ է, որ դուք քաղաքավարի եք, և ես նկատում եմ, որ դուք իսկի էլ այնպես... տարօրինակ չեք, ինչպես բարեհաճեցին ներկայացնել ձեզ։ Գնանք։ Նստեցեք ահա այստեղ , իմ դիմաց,— ձեռ ու ոտ էր անում նա, նստեցնելով իշխանին, երբ եկան սեղանատուն,— ես ուզում եմ ձեզ նայել։ Ալեքսանդրա, Ադելաիդա, հյուրասիրեցեք իշխանին։ Ճիշտ չէ՞, որ նա իսկի էլ այնքան... հիվանդ չէ։ Գուցե անձեռոցիկ էլ հարկավոր չէ... Ձեզ, իշխան, անձեռոցիկ կապո՞ւմ էին ուտելու ժամանակ։

— Առաջ, երբ ես մոտ յոթ տարեկան էի, կարծեմ, կապում էին, իսկ հիմա, ուտելիս սովորաբար ծնկներիս եմ գցում անձեռոցիկը։

— Այդպես էլ պետք է։ Իսկ նոպանե՞րը։

— Նոպանե՞րը,— մի քիչ զարմացավ իշխանը,— նոպաները հիմա բավական հազվադեպ են լինում։ Ասենք, չգիտեմ. ասում են, այստեղի կլիման ինձ վնասակար կլինի։

― Նա լավ է խոսում,— նկատեց տիկինը, դիմելով աղջիկներին և շարունակելով գլուխը տմբացնել իշխանի ամեն մի խոսքից հետո,— ես նույնիսկ չէի սպասում։ Նշանակում է, ամեն ինչ դատարկ բաներ են և ճիշտ չէ. ըստ սովորականի։ Կերեք, իշխան, և պատմեցեք. որտե՞ղ եք ծնվել, որտեղ դաստիարակվել։ Ես ուզում եմ ամեն ինչ իմանալ, դուք ինձ չափազանց հետաքրքրում եք։

Իշխանը շնորհակալություն հայտնեց և, մեծ ախորժակով ուտելով, սկսեց նորից հաղորդել այն ամենը, ինչի մասին անընդհատ ստիպված էր եղել խոսել այս առավոտ։ Գեներալի կինը գնալով ավելի ու ավելի գոհ էր դառնում։ Աղջիկները նույնպես բավական ուշադիր լսում էին։ Հաշիվներ արին ազգականների մասին, պարզվեց, որ իշխանը բավական լավ գիտեր իր տոհմագրությունը, բայց ինչ ձևով էլ մոտեցնում էին, իշխանի և տիկնոջ միջև գրեթե ոչ մի ազգակցություն չստացվեց։ Պապերի ու տատերի միջև դեռ մի կերպ կարելի էր հեռավոր ազգակցություն գտնել։ Այդ չոր նյութը հատկապես դուր եկավ գեներալի կնոջը, որին, ինչքան էլ ուզեր, գրեթե երբեք չէր հաջողվում խոսել իր տոհմագրության մասին, այնպես որ նա սեղանից վեր կացավ խռովահույզ հոգով։

— Բոլորս գնանք մեր հավաքատեղին,— ասաց նա,— և սուրճն էլ այնտեղ կբերեն, Մենք մի այդպիսի ընդհանուր սենյակ ունենք,— դարձավ նա իշխանին, տանելով նրան,— պարզապես իմ փոքրիկ հյուրասենյակն է, որտեղ մենք, երբ մենակ ենք մնում, հավաքվում ենք, և ամեն մեկը զբաղվում է իր գործով։ Ալեքսանդրան, ահա սա, իմ ավագ աղջիկը, դաշնամուր է նվագում կամ կարդում է, կամ կարում. Ադելաիդան բնանկարներ ու դիմանկարներ է նկարում (և ոչ մի բան ավարտել չի կարողանում), իսկ Ագլայան նստում է, ոչինչ չի անում։ Իմ ձեռքից էլ գործը ցած է ընկնում. ոչինչ չի ստացվում։ Ահա և եկանք, նստեցինք, իշխան, այստեղ, բուխարիկին մոտիկ, և պատմեցեք։ Ես ուզում եմ իմանալ, թե դուք ինչպես եք պատմում որևէ բան։ Ես ուզում եմ լիովին համոզվել, և երբ իշխանուհի Բելոկոնսկայայի, պառավի հետ տեսնվեմ, ձեր մասին ամեն ինչ կպատմեմ։ Ես ուզում եմ, որ դուք նրանց բոլորին էլ հետաքրքրեք։ Դե, ուրեմն խոսեցեք։

— Maman, բայց չէ՞ որ շատ տարօրինակ է այսպես պատմելը,— նկատեց Ադելաիդան, որը մինչ այդ ուղղեց հր նկարչատախտակը, վերցրեց վրձինները, ներկապնակը և սկսեց էստամպից պատճենահանել արդեն վաղուց սկսած բնանկարը։ Ալեքսանդրան և Ագլայան միասին նստեցին փոքրիկ բազմոցին և, ձեռքները ծալած, պատրաստվեցին ունկնդրել խոսակցությանը։ Իշխանը նկատեց, որ ամեն կողմից ուշադրությամբ նայում են նրան։

— Ես ոչինչ չէի պատմի, եթե ինձ այդպես հրամայեին,— նկատեց Ագլայան։

— Ինչո՞ւ։ Այստեղ տարօրինակ ի՞նչ կա։ Ինչո՞ւ չպատմի։ Լեզու ունի։ Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես գիտի խոսել։ Դե, որևէ բանի մասին։ Պատմեցեք, թե ձեզ ինչպես դուր եկավ Շվեյցարիան, առաջին տպավորությունը։ Այ կտեսնեք, այ հիմա նա կսկսի և հիանալի կսկսի։

— Տպավորությունս ուժեղ էր...— սկսեց իշխանը։

— Տեսեք, տեսեք,― վրա բերեց անհամբեր Լիզավետա Պրոկոֆևնան, դիմելով աղջիկներին,― տեսա՞ք, որ սկսեց։

— Գոնե թողեք, որ խոսի, maman,— նրա խոսքը կտրեց Ալեքսանդրան։— Այս իշխանը գուցե խարդախի մեկն է և ոչ թե ապուշ,— շշնջաց նա Ագլայային։

— Հավանաբար, այդպես է, ես վաղուց եմ տեսնում դա,— պատասխանեց Ագլայան։— Եվ նրա կողմից ստորություն է դերասանություն անելը։ Դրանով նա ուզում է շահե՞լ, ինչ է։

— Առաջին տպավորությունս շատ ուժեղ էր,— կրկնեց իշխանը։— Երբ ինձ տանում էին Ռուսաստանից գերմանական զանազան քաղաքների միջով, ես միայն լուռ նայում էի և, հիշում եմ, նույնիսկ ոչ մի բանի մասին հարցուփորձ չէի անում։ Դա իմ հիվանդության մի շարք ուժեղ և տանջալից նոպաներից հետո էր, իսկ ես միշտ, եթե հիվանդությունս ուժեղանում էր և նոպաները իրար հետևից մի քանի անգամ կրկնվում էին, լիակատար բթացման մեջ էի ընկնում, բոլորովին ուշքս կորցնում էի, իսկ միտքս թեև աշխատում էր, բայց մտքիս տրամաբանական ընթացքը կարծես թե խզվում էր։ Երկու կամ երեք մտքից ավելի չէի կարողանում հետևողականորեն շաղկապել։ Ինձ այդպես է թվում։ Իսկ երբ նոպաներս հանդարտվում էին, ես նորից դառնում էի և առողջ, և ուժեղ, ահա ինչպես հիմա։ Հիշում եմ, անտանելի թախիծ կար մեջս, նույնիսկ ուզում էի լաց լինել, ես շարունակ զարմանում և անհանգստանում էի. ինձ վրա սարսափելի ազդել էր, որ այդ ամենը օտար է. դա ես հասկացա։ Օտարն ինձ սպանում էր։ Հիշում եմ, այդ խավարից բոլորովին արթնացա մի երեկո, Բազելում, Շվեյցարիա մտնելու պահին, և ինձ արթնացրեց իշու զռոցը քաղաքային շուկայում, էշը ինձ սարսափելի զարմացրեց և չգիտես ինչու անասելի դուր եկավ, և դրա հետ մեկտեղ կարծես թե գլխումս ամեն ինչ պարզվեց։

— Է՞շը։ Դա տարօրինակ է,— նկատեց գեներալի կինը։— Ասենք, ոչ մի տարօրինակ բան չկա, մեզնից ոմանք դեռ նույնիսկ կսիրահարվեն իշուն,— նկատեց նա, զայրագին նայելով ծիծաղող աղջիկներին։— Դեռ դիցաբանության մեջ կար դա։ Շարունակեցեք, իշխան։

— Այն ժամանակվանից ես սաստիկ սիրում եմ էշերին։ Նույնիսկ ինչ֊որ համակրանք կա մեջս։ Ես սկսեցի նրանց մասին հարցուփորձ անել, որովհետև առաջ էլ չէի տեսել, և անմիջապես ինքս էլ համոզվեցի, որ դա չափազանց օգտակար կենդանի է, աշխատավոր, ուժեղ, համեմատաբար էժան, տոկուն, և այդ իշու շնորհիվ հանկարծ ամբողջ Շվեյցարիան սկսեց ինձ դուր գալ, այնպես որ առաջվա թախիծս բոլորովին անցավ։

― Այդ բոլորը շատ տարօրինակ է, բայց իշու պատմությունը կարելի է և բաց թողնել, անցնենք ուրիշ նյութի։ Ի՞նչ ես շարունակ ծիծաղում, Ագլայա։ Եվ դո՞ւ, Ադելաիդա։ Իշխանը հիանալի պատմեց իշու մասին։ Նա ինքը տեսել է, իսկ դո՞ւ ինչ ես տեսել։ Դու հո արտասահմանում չե՞ս եղել։

— Ես էշ տեսել եմ, maman,— ասաց Ադելաիդան։

— Իսկ ես ձայնն էլ եմ լսել,— վրա բերեց Ագլայան։ Բոլոր երեքն էլ նորից ծիծաղեցին։ Իշխանը ծիծաղեց նրանց հետ։

— Դա շատ վատ է ձեր կողմից,— նկատեց տիկինը,— ներեցեք նրանց, իշխան, բայց նրանք բարի են։ Ես նրանց հետ շարունակ կռիվ եմ անում, բայց նրանց սիրում եմ։ Նրանք թեթևսոլիկ են, թեթևամիտ, խելառ։

— Ինչո՞ւ որ,— ծիծաղեց իշխանը,— ես էլ նրանց տեղը լինեի, առիթը բաց չէի թողնի։ Բայց ես համենայն դեպս իշու կողմն եմ։ Էշը բարի և օգտակար մարդ է։

— Իսկ դուք բարի՞ եք, իշխան։ Ես հետաքրքրասիրությունից դրդված եմ հարցնում,— հարցրեց տիկինը։

Բոլորը նորից ծիծաղեցին։

— Նորից այդ անիծյալ էշը մեջ ընկավ. ես նրա մասին նույնիսկ չէի մտածում,— գոչեց գեներալի կինը։— Խնդրում եմ, հավատացեք ինձ, իշխան, ես առանց որևէ...

— Ակնարկի՞։ Օ՜, հավատում եմ, անկասկած։

Եվ իշխանր ծիծաղում էր անընդհատ։

— Դա շատ լավ է, որ դուք ծիծաղում եք։ Ես տեսնում եմ, որ դուք շատ բարի երիտասարդ եք,— ասաց տիկինը։

— Երբեմն բարի չեմ,— պատասխանեց իշխանը։

— Իսկ ես բարի եմ,— անսպասելի հարեց տիկինը,— և եթե ուզում եք՝ ես միշտ բարի եմ, և դա իմ միակ թերությունն է, որովհետև պետք չէ միշտ բարի լինել։ Ես շատ հաճախ զայրանում եմ ահա սրանց վրա, առանձնապես Իվան Ֆյոգորովիչի վրա, բայց վատն այն է, որ ամենից ավելի բարի եմ, երբ զայրանում եմ։ Ես քիչ առաջ, նախքան ձեր գալը, բարկացել էի և ձևացնում էի, թե ոչինչ չեմ հասկանում և հասկանալ չեմ կարող. այդ ինձ հետ պատահում է. կարծես երեխա լինեմ։ Ագլայան ինձ դաս տվեց. շնորհակալ եմ քեզնից, Ագլայա։ Ասենք, ամեն ինչ դատարկ բան է։ Ես դեռ այնպես հիմար չեմ, ինչպես թվում եմ և ինչպես ուզում են ինձ ներկայացնել աղջիկներս։ Ես ուժեղ բնավորություն ունեմ և այնքան էլ ամոթխած չեմ։ Ի դեպ, սա առանց չարության եմ ասում։ Եկ այստեղ, Ագլայա, համբուրիր ինձ, դե... և բավական են քնքշանքները,— նկատեց նա։ երբ Ագլայան սրտանց համբուրեց նրա շրթունքները և ձեռքը։— Շարունակեցեք, իշխան։ Կարող է պատահել, իշուց ավելի հետաքրքիր մի բան հիշեք։

— Ես այնուամենայնիվ չեմ հասկանում, ինչպես կարելի է այդպես ուղղակի պատմել,― նորից նկատեց Ադելաիդան,— ես ոչ մի դեպքում չէի կարողանա։

— Իսկ իշխանը կկարողանա, որովհետև իշխանը չափազանց խելացի է և քեզանից առնվազն տասն անգամ, գուցե և տասներկու անգամ խելացի է։ Հուսով եմ, սրանից հետո կզգաս։ Ապացուցեք սրանց, իշխան, շարունակեցեք։ Իշուն իսկապես էլ կարելի է վերջ ի վերջո մի կողմ թողնել։ Դե, բացի իշուց ի՞նչ եք տեսել արտասահմանում։

— Իշու մասին էլ խելացի էր ասված,— նկատեց Ալեքսանդրան, — իշխանը շատ հետաքրքիր պատմեց իր հիվանդագին դեպքը և այն, թե ինչպես իրեն ամեն ինչ դուր եկավ մի արտաքին շարժառիթով։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես մարդիկ խելագարվում են և հետո նորից առողջանում։ Մանավանդ, եթե դա հանկարծակի է լինում։

— Ճիշտ է չէ՞։ Այնպես չէ՞,— վրա ընկավ գեներալի կինը,― տեսնում եմ, որ դու էլ երբեմն խելացի ես լինում. դե, բավական է ծիծաղել։ Դուք կանգ առաք, կարծեմ, Շվեյցարիայի բնության վրա, իշխան, դե։

— Մենք հասանք Լյուցեռն, և ինձ տարան լճով։ Ես զգում էի, թե որքան լավն է լիճը, բայց միաժամանակ սարսափելի ծանր էր ինձ համար,— ասաց իշխանը։

— Ինչո՞ւ,— հարցրեը Ալեքսանդրան։

— Չեմ հասկանում։ Ես միշտ ծանր ու անհանգիստ եմ զգում ինձ առաջին անգամ այդպիսի բնություն տեսնելիս․ և՛ լավ եմ զգում, և՛ անհանգիստ. ասենք այդ բոլորը դեռ հիվանդ ժամանակս էր։

— Ոչ, ես շատ կուզենայի տեսնել,— ասաց Ադելաիդան։— Եվ չեմ հասկանում, թե մենք երբ ենք արտասահման գնալու։ Ահա երկու տարի է ես պատկերներիս համար սյուժե չեմ կարողանում գտնել.

Արևելք, հարավ պոետներն վաղուց են երգել...

Սյուժե գտեք նկարիս համար, իշխան։

— Ես դրանից ոչինչ չեմ հասկանում։ Ինձ թվում է, պետք է նայել ու նկարել։

— Նայել չգիտեմ։

— Այդ ի՞նչ հանելուկներ եք ասում։ Ոչինչ չեմ հասկանում,— ընդհատեց գեներալի կինը,— ինչպե՞ս թե նայել չգիտեմ։ Աչքեր ունես՝ նայիր։ Այստեղ չգիտես նայել, ուրեմն արտասահմանում էլ չես սովորի։ Ավելի լավ է, պատմեցեք, իշխան, թե դուք ինքներդ ինչպես էիք նայում։

— Այ դա ավելի լավ կլինի,— ավելացրեց Ադելաիդան։― Չէ՞ որ իշխանը արտասահմանում է սովորել նայել։

— Չգիտեմ, ես այնտեղ միայն առողջությունս եմ լավացրել, չգիտեմ, սովորե՞լ եմ արդյոք նայել։ Ի դեպ, ես գրեթե ամբողջ ժամանակ շատ երջանիկ էի։

― Երջանի՞կ էիք։ Դուք կարողանո՞ւմ եք երջանիկ լինել,— բացականչեց Ագլայան,— հապա ինչպե՞ս եք ասում, թե չեք սովորել նայել։ Դեռ մեզ էլ կսովորեցնեք։

— Սովորեցրեք, խնդրեմ,— ծիծաղում էր Ադելաիդան։

— Ոչինչ չեմ կարող սովորեցնել,— ծիծաղում էր և իշխանը,— ես արտասահմանում գրեթե ամբողջ ժամանակ ապրում էի այդ շվեյցարական գյուղում, հազվադեպ էի մեկնում որևէ մոտիկ տեղ. ուրեմն ի՞նչ կարող եմ ձեզ սովորեցնել։ Սկզբում միայն այնքան էր, որ չէի ձանձրանում. շուտով սկսեցի առողջանալ, հետո ամեն մի օրն ինձ համար դառնում էր թանկ, և քանի գնում, այնքան ավելի թանկ էր դառնում, այնպես որ ես սկսեցի դա նկատել։ Պառկում էի քնելու շատ գոհ, իսկ վեր էի կենում ավելի ևս երջանիկ։ Իսկ թե ինչից էր այդ ամենը՝ բավական դժվար է պատմել։

— Այնպես որ դուք արդեն ոչ մի տեղ չէիք ուզում գնալ, ձեզ ոչ մի տեղ չէ՞ր ձգում,― հարցրեց Ալեքսանդրան։

― Սկզբում, ամենասկզբում, այո, ձգում էր և սաստիկ անհանգստություն էր տիրում ինձ։ Շարունակ մտածում էի, թե ինչպես պետք է ապրեմ, ուզում էի փորձել բախտս, առանձնապես որոշ րոպեներ անհանգիստ էի լինում։ Գիտե՞ք, այդպիսի րոպեներ կան, հատկապես միայնության մեջ։ Այնտեղ մի ջրվեժ ունեինք, փոքրիկ, թափվում էր բարձր սարից և այնպիսի բարակ շիթով, գրեթե ուղղահայաց, սպիտակ, աղմկոտ, փրփրադեզ, թափվում էր բարձրից, բայց թվում էր բավական ցածր, կես վերստ հեռավորության վրա էր, բայց թվում էր, թե մինչև այնտեղ հիսուն քայլ է։ Ես սիրում էի գիշերներն ունկնդրել նրա աղմուկին. ահա այդ րոպեներին երբեմն սաստիկ անհանգստություն էր գալիս վրաս։ Նույնպես երբեմն կեսօրին, երբ բարձրանում ես ուր-որ լեռները, մենակ կանգնում ես լեռան մեջտեղը, շուրջդ սոճիներ են, հնամենի, մեծ, խեժոտ, բարձրում, ժայռի վրա միջնադարյան հին ամրոց է, փլատակներ, մեր գյուղակը հեռու ցածումն է, հազիվ է երևում, արևը պայծառ է, երկինքը կապույտ, սարսափելի լռություն։ Ահա հենց այդ պահերին պատահում էր, որ շարունակ ձգտում էի ինչ֊որ տեղ, և ինձ թվում էր, որ եթե մարդ շարունակ գնա ուղիղ, գնա երկար-երկար և անցնի ահա այն գծի հետևը, հենց այն գծի, որտեղ երկինքն ու երկիրը հանդիպում են իրար, ապա այնտեղ է հարցի ամբողջ լուծումը, և անմիջապես նոր կյանք կտեսնես, հազարապատիկ ուժգին ու աղմկալի, քան մեզ մոտ․ ես շարունակ երազում էի այնպիսի մեծ քաղաքի մասին, ինչպես Նեապոլն է, այնտեղ անվերջ պալատներ են, աղմուկ, աղաղակ, կյանք... Է, ինչ ասես, որ չէի երազում։ Իսկ հետո ինձ թվաց, թե բանտում էլ կարելի է հսկայական կյանք գտնել։

— Վերջին գովելի միտքը ես դեռ իմ «Քրեստոմատիայում» եմ կարդացել, երբ տասներկ ու տարեկան էի,— ասաը Ագլայան։

— Այդ բոլորը փիլիսոփայություն է,— նկատեց Ադելաիդան,— դուք փիլիսոփա եք և եկել եք մեզ ուսուցանելու։

— Դուք գուցե և իրավացի եք,— ժպտաց իշխանը,— ես իրոք, թերևս, փիլիսոփա եմ, և ով գիտե, գուցե իսկապես էլ միտք ունեմ ուսուցանելու... Դա կարող է պատահել, իրավ, կարող է պատահել։

— Եվ ձեր փիլիսոփայությունը ճիշտ այնպիսին է, ինչպես Եվլամպիա Նիկոլաևնայինը,— կրկին վրա բերեց Ագլայան,— մի այդպիսի չինովնիկի կին կա, այրի, մեզ մոտ է գնում֊գալիս, ձրիակյացի նման մի բան է։ Նրա ամբողջ կյանքի խնդիրը էժանությունն է. միայն թե որքան կարելի է էժան լինի ապրուստը, հենց միայն կոպեկների մասին է խոսում, և նկատի ունեցեք, նա փող ունի, նա խորամանկի մեկն է։ Ճիշտ այդպես էլ ձեր հսկայական կյանքն է բանտում, գուցե և ձեր չորսամյա երջանկությունը գյուղում, որի դիմաց դուք ծախել եք ձեր Նեապոլ քաղաքը, և, կարծես թե շահով, չնայած նրան, որ ծախել եք մի քանի կոպեկի։

— Բանտային կյանքի մասին դեռ կարելի է և չհամաձայնել,— ասաց իշխանը,— ես լսել եմ մի մարդու պատմությունը, որը բանտում նստել է մոտ տասներկու տարի. դա իմ պրոֆեսորի հիվանդներից մեկն էր և բուժվում էր։ Նա նոպաներ էր ունենում, երբեմն անհանգիստ էր լինում, լալիս էր և նույնիսկ մի անգամ ինքնասպանության փորձ էր արել։ Նրա կյանքը բանտում շատ տխուր էր, հավատացնում եմ ձեզ, բայց, իհարկե, կոպեկանոց չէր։ Իսկ նրա ունեցած֊չունեցած ծանոթությունը սարդն էր և այն փոքրիկ ծառը, որ բուսել էր պատուհանի տակ... Բայց ավելի լավ է ձեզ պատմեմ անցյալ տարվա իմ մի ուրիշ հանդիպման մասին մի մարդու հետ։ Այստեղ մի շատ տարօրինակ հանգամանք կար. իսկն ասած, տարօրինակ էր նրանով, որ շատ սակավ է այդպիսի դեպք պատահում։ Այդ մարդուն մի անգամ ուրիշների հետ բարձրացրել էին կառափնարան և նրան կարդացել էին մահվան դատավճիռ՝ գնդակահարությամբ, քաղաքական հանցագործության համար։ Մի քսան րոպեից հետո կարդացել են նաև ներման հրամանը և նշանակվել է պատժի ուրիշ աստիճան, սակայն, երկու դատավճիռների միջև ընկած ժամանակամիջոցում, քսան րոպե, կամ, համենայն դեպս, քառորդ ժամ, նա ապրել է այն անտարակույս համոզմամբ, որ մի քանի րոպեից հետո նա հանկարծ կմեռնի։ Ես սաստիկ ուզում էի լսել, երբ նա երբեմն մտաբերում էր իր այն ժամանակվա տպավորությունները, և մի քանի անգամ սկսում էի նրան վերստին հարցուփորձել։ Նա ամեն ինչ հիշում էր արտասովոր պարզությամբ և ասում էր, որ երբեք այդ րոպեներից ոչինչ չի մոռանա։ Կառափնարանից քսան քայլ այն կողմ, որի մոտ կանգնած էին բազմությունը և զինվորները, երեք սյուն էր խրած, որովհետև հանցագործները մի քանի հոգի էին։ Առաջին երեքին տարան սյուների մոտ, կապեցին, մահվան զգեստ հագցրին նրանց (սպիտակ երկար բալախոններ), իսկ աչքներին սպիտակ թասակներ քաշեցին, որպեսզի հրացանները չերևան, ապա յուրաքանչյուր սյան դիմաց շարվեց մի քանի զինվորներից բաղկացած մի խումբ։ Իմ ծանոթը ըստ հերթի ութերորդն էր, նշանակում է սյուների մոտ պետք է գնար երրորդ հերթին։ Քահանան խաչը ձեռքին մոտեցավ բոլորին։ Դուրս էր գալիս, որ ապրելու մնացել է հինգ րոպեից ոչ ավելի։ Նա ասում էր, որ այդ հինգ րոպեն նրան թվում էր անվերջանալի ժամկետ, հսկայական հարստություն, նրան թվում էր, որ այդ հինգ րոպեի ընթացքում նա կապրի այնքան կյանքեր, որ դեռևս հիմա իսկի էլ կարիք չկա մտածելու վերջին վայրկյանի մասին, այնպես որ նա դեռ զանազան կարգադրություններ արավ. ժամանակն այնպես տնօրինեց, որ հրաժեշտ տա ընկերներին, դրան հատկացրեց մի երկու րոպե, հետո երկու րոպե էլ հատկացրեց, որ վերջին անգամ մտածի իր մասին, իսկ հետո, որպեսզի վերջին անգամ նայի շուրջը։ Նա շատ լավ հիշում էր, որ հենց այդ երեք կարգադրությունն էր արել և հենց այդպես էր հաշվել։ Նա մեռնում էր քսանյոթ տարեկան, առողջ և ուժեղ, ընկերներին հրաժեշտ տալիս, նա հիշում էր, որ նրանցից մեկին մի բավականին կողմնակի հարց տվեց և նույնիսկ շատ հետաքրքրվեց պատասխանով։ Հետո, երբ նա հրաժեշտ տվեց ընկերներին, վրա հասավ այն երկու րոպեն, որ նա հատկացրել էր, որպեսզի մտածեր իր մասին։ Նա վաղօրոք գիտեր, թե ինչի մասին պիտի մտածեր. նա շարունակ ուզում էր պատկերացնել որքան կարելի է արագ ու վառ, թե ահա ո՞նց թե այսպես նա հիմա կա և ապրում է, իսկ երեք րոպեից հետո կլինի արդեն ինչ-որ, ինչ֊որ մեկը կամ ինչ֊որ բան, ուրեմն ո՞վ։ Ուրեմն որտե՞ղ։ Այս բոլորը նա մտադիր էր այդ երկու րոպեում լուծել։ Ոչ հեռվում եկեղեցի կար, և տաճարի կատարը ոսկեզօծ տանիքով պսպղում էր պայծառ արևի ներքո։ Նա հիշում էր, որ սարսափելի համառորեն նայում էր այդ տանիքին և նրանից շողացող ճառագայթներին. կտրվել չէր կարող ճառագայթներից. նրան թվում էր, թե այդ ճառագայթները իր նոր էությունն են, որ երեք րոպեից հետո ինքը որևէ ձևով կծալվի նրանց հետ... անհայտությունն ու նողկանքը այդ նորից, որը լինելու է և հիմա վրա կհասնի, սարսափելի էին. բայց նա ասում է, որ այդ ժամանակ ոչինչ ավելի ծանր չէր, քան մի անընդհատ միտք. «Ինչ կլիներ չմեռնեի՜։ Ինչ կլիներ կյանքս վերադարձնեի՜ն, ինչպիսի՜ անվերջություն։ Եվ այդ ամբողջը ի՜մը կլիներ։ Ես այն ժամանակ ամեն մի րոպեն մի ամբողջ դար կդարձնեի, ոչինչ չէի կորցնի, ամեն մի րոպեի հաշիվը կպահեի, ո՛չ մի բան զուր չէի վատնի»։ Նա ասում էր, որ այդ միտքը վերջապես այնպիսի զայրույթի փոխվեց, որ նա արդեն ուզում էր, որ շուտով գնդակահարեն իրեն։

Իշխանը հանկարծ լռեց. բոլորը սպասում էին, որ նա կշարունակի և եզրակացություն կհանի։

— Դուք վերջացրի՞ք,— հարցրեց Ագլայան։

― Ի՞նչ, վերջացրի,― ասաց իշխանը, սթափվելով րոպեական մտածմունքից։

— Բայց ինչո՞ւ պատմեցիք այդ մասին։

― Այնպես... միտքս եկավ... ես խոսքի համար...

― Դուք շատ կցկտուր եք խոսում,— նկատեց Ալեքսանդրան,— դուք, իշխան, հավանաբար ուզում էիք եզրակացնել, որ մի ակնթարթն իսկ չի կարելի կոպեկի արժեքով գնահատել, և երբեմն հինգ րոպեն գանձից էլ թանկ է։ Այդ ամենը գովելի է, սակայն, ներեցեք, ի՞նչ եղավ այդ բարեկամը, որը ձեզ այդպիսի սոսկալի բաներ էր պատմում... չէ որ նրա պատիժը փոխեցին, նշանակում է նվիրեցին այդ «անվերջանալի կյանքը»։ Նա հետո ինչպե՞ս վարվեց այդ հարստության հետ։ Արդյոք ապրո՞ւմ էր ամեն վայրկյանը «հաշվելով»։

— Օ, ոչ, նա ինքն էր ինձ ասում,— ես նրան այդ մասին արդեն հարցրել եմ,— ամենևին էլ այդպես չէր ապրում և շատ֊շատ րոպեներ էր կորցրել։

— Դե, նշանակում է, ահա ձեզ և փորձ, նշանակում է չի կարելի ապրել, իսկապես «հաշիվ անելով»։ Ինչ֊որ պատճառով, բայց չի կարելի։

— Այո, ինչ֊որ պատճառով, բայց չի կարելի,— կրկնեց իշխանը։— Դա ինձ էլ էր այդպես թվում... բայց, համենայն դեպս, մարդ չի հավատում․․․

— Այսինքն՝ դուք կարծում եք, որ բոլորից ավելի խելացի՞ կապրեք ձեր կյանքը,— ասաց Ագլայան։

— Այո, երբեմն դա անցել է մտքովս։

— Եվ անցնո՞ւմ է։

— Եվ․․․ անցնում է,— պատասխանեց իշխանը, առաջվա նման մեղմ և նույնիսկ երկչոտ ժպիտով նայելով Ագլայային, բայց իսկույն էլ նորից ծիծաղեց ու զվարթ նայեց նրան։

— Համե՜ստ բան է,— ասաց Ագլայան գրեթե գրգռված։

— Բայց ի՜նչ խիզախներն եք դուք, ահա դուք ծիծաղում եք, իսկ ինձ նրա պատմածը այնպես էր շշմեցրել, որ ես հետո երազումս տեսա, հենց այդ հինգ րոպեն տեսա․․․

Նա հետաքրքրությամբ ու լուրջ մի անգամ էլ աչքերը հածեց իր ունկնդրուհիների վրա։

— Դուք որևէ պատճառով չե՞ք բարկանում ինձ վրա,— հանկարծ հարցրեց նա կարծես թե շփոթված, սակայն, ուղիղ նայելով բոլորի աչքերին։

— Ինչի՞ համար,— զարմացած բացականչեցին երեք աղջիկն էլ։

— Դե նրա համար, որ կարծես թե շարունակ ուսուցանում եմ․․․

Բոլորը ծիծաղեցին։

— Եթե բարկանում եք, մի բարկացեք,— ասաց իշխանը,― չէ՞ որ ինքս էլ գիտեմ, որ ուրիշներից պակաս եմ ապրել և բոլորից քիչ եմ հասկանում կյանքը։ Գուցե երբեմն ես շատ տարօրինակ եմ խոսում...

Եվ նա վերջնականապես շփոթվեց։

— Եթե ասում եք, որ երջանիկ եք եղել, նշանակում է ոչ թե պակաս, այլ ավելի եք ապրել, ուրեմն ինչո՞ւ եք կեղծում և ներողություն խնդրում,— խիստ և բծախնդիր սկսեց Ագլայան,— և խնդրեմ, մի անհանգստացեք, որ մեզ ուսուցանում եք, այստեղ դուք ոչ մի հաղթանակ չունեք։ Ձեր կվիտեիզմով հարյուր տարվա կյանքն էլ կարելի է երջանկությամբ լցնել։ Ձեզ մահապատիժ ցույց տան կամ մատ ցույց տան․ թե մեկից, թե մյուսից միանման գովելի միտք դուրս կբերեք, և դեռ գոհ կմնաք։ Այդպես կարելի է ապրել։

— Ինչի՞ վրա ես շարունակ չարանում, չեմ հասկանում,— վրա բերեց գեներալի կինը, որ վաղուց դիտում էր խոսողների դեմքերը,— և ինչի՞ մասին եք խոսում, նույնպես չեմ կարողանում հասկանալ։ Ի՞նչ մատ և այդ ի՞նչ ցնդաբանություն է։ Իշխանը հրաշալի է խոսում, միայն մի քիչ տխուր։ Ինչո՞ւ ես նրա վստահությունը կոտրում։ Երբ նա սկսեց, ծիծաղում էր, իսկ հիմա բոլորովին ապուշ է կտրել։

— Ոչինչ, maman։ Բայց ափսոս, իշխան, որ դուք մահապատիժ չեք տեսել, թե չէ ձեզ մի բան կհարցնեի։

— Ես տեսել եմ մահապատիժ,— պատասխանեց իշխանը։

— Տեսե՞լ եք,— ճչաց Ագլայան։— Ես պետք է գլխի ընկնեի։ Դա պսակում է ողջ գործը։ Եթե տեսել եք, ինչպե՞ս եք ասում, թե ամբողջ ժամանակը երջանիկ եք անցկացրել։ Ինչ է, ճիշտ չասացի՞։

— Բայց մի՞թե ձեր գյուղում մահապատժի ենթարկում են,― հարցրեց Ադելաիդան։

— Ես Լիոնում եմ տեսել։ Շնեյդերի հետ էի գնացել այնտեղ, նա էր իր հետ տարել։ Հենց որ եկա, ուղղակի ընկա այդ մահապատժի տեղը։

— Իսկ ձեզ շա՞տ դուր եկավ։ Ուսանելի, օգտակար շա՞տ բան կար,— հարցնում էր Ագլայան։

— Դա ինձ բոլորովին դուր չեկավ, և դրանից հետո մի քիչ հիվանդ էի, բայց խոստովանում եմ, որ նայում էի մեխվածի պես, աչքերս չէի կարող կտրել։

— Ես էլ չէի կարողանա աչքերս կտրել,— ասաց Ագլայան։

— Այնտեղ բոլորովին չեն սիրում, երբ կանայք գնում են նայելու, նույնիսկ հետո լրագրում գրում են այդ կանանց մասին։

— Ուրեմն, եթե գտնում են, որ դա կանացի գործ չէ, դրանով իսկ ուզում են ասել (հետևաբար և արդարացնել), որ դա տղամարդու գործ է։ Շնորհավորում եմ տրամաբանության համար։ Եվ իհարկե, դուք էլ այդպես եք կարծում։

— Պատմեցեք մահապատժի մասին,— ընդհատեց Ադելաիդան։

— Ես բոլորովին չէի ուզենա հիմա...— շփոթվեց և կարծես թե մռայլվեց իշխանը։

— Կարծես ափսոսում եք մեզ պատմել,— խայթեց Ագլայան։

— Ոչ, նրա համար եմ ասում, որ այդ մահապատժի մասին քիչ առաջ պատմել եմ։

— Ո՞ւմ եք պատմել։

— Ձեր կամերդիներին, երբ սպասում էի...

— Ո՞ր կամերդիներին,— լսվեց ամեն կողմից։

— Այ այն, որ նախասենյակում է նստած, ալեխառն մազերով, դեմքը մի քիչ կարմիր. ես նստել էի նախասենյակում, որպեսզի Իվան Ֆյոդորովիչի մոտ գնայի։

— Դա տարօրինակ է,— նկատեց գեներալի տիկինը։

— Իշխանը դեմոկրատ է,— խոսքը կտրեց Ագլայան,— դե, եթե Ալեքսեյին պատմել եք, մեզ չեք կարող մերժել։

— Ես անպայման ուզում եմ լսել,— կրկնեց Ադելաիդան։

— Քիչ առաջ իսկապես,— նրան դիմեց իշխանը, նորից փոքր֊ինչ ոգևորվելով (թվում է, նա շատ շուտ և դյուրահավատորեն էր ոգևորվում),— իսկապես, միտք ունեի, երբ ինձնից նկարի սյուժե էիք հարցնում, ձեզ սյուժե տալ. նկարել դատապարտվածի դեմքը գիլյոտինի հարվածից մի րոպե առաջ, երբ դեռ նա կանգնած է կառափնարանի վրա, նախքան այդ տախտակի վրա պառկելը։

— Ինչպե՞ս թե դեմքը։ Միայն դե՞մքը,― հարցրեց Ադելաիդան,— տարօրինակ սյուժե կլինի և դա ի՞նչ նկար է։

— Չգիտեմ, ինչո՞ւ որ,― եռանդով պնդում էր իշխանը,— նորերս Բաղեչում մի այդպիսի նկար ես տեսել եմ։ Շատ եմ ուզում պատմել ձեզ... Երբևէ կպատմեմ․․․ ինձ շատ զարմացրեց։

— Բազելյան նկարի մասին հետո անպայման կպատմեք,— ասաց, Ադելաիդան,— իսկ հիմա ինձ բացատրեցեք այդ մահապատժից նկարելիք նկարը։ Կարո՞ղ եք այնպես հաղորդել, ինչպես այդ պատկերացնում եք։ Այնպես, միայն դե՞մքը։ Իսկ ինչպիսի՞ դեմք է դա։

— Դա մահվանից ուղիղ մի րոպե առաջ է,— լիակատար պատրաստակամությամբ սկսեց իշխանը, տարվելով հիշողություններով և, ըստ երևույթին, անմիջապես մոռանալով մնացած ամեն ինչ,— հենց այն րոպեին, երբ նա բարձրացավ սանդղակի վրա և հենց նոր ոտք դրեց կառափնարանին։ Այստեղ նա նայեց իմ կողմը. ես նայեցի նրա դեմքին և ամեն ինչ հասկացա... Ասենք, ախր դա ինչպե՞ս պատմեմ։ Ես շատ, շատ կուզենայի, որ դուք կամ որևէ մեկը դա նկարեր։ Լավ կլիներ, եթե դուք։ Ես հենց այն ժամանակ մտածեցի, որ դա օգտակար նկար կլիներ։ Գիտե՞ք, այստեղ պետք է ամեն ինչ պատկերացնել, ինչ որ եղել է վաղօրոք, ամեն, ամեն ինչ։ Նա ապրում էր բանտում և մահապատժին սպասում էր առնվազն գոնե մի շաբաթ հետո, նա մի տեսակ հույսը դնում էր սովորական ձևականության վրա, որ թուղթը դեռ ինչ֊որ տեղ պետք է գնա և միայն մի շաբաթ հետո դուրս կգա։ Իսկ այստեղ հանկարծ ինչ֊որ առիթով գործը կրճատվել էր։ Առավոտյան ժամը հինգին նա քնած էր։ Դա հոկտեմբերի վերջին էր. ժամը հինգին դեռ ցուրտ է և մութ։ Կամացուկ մտնում է բանտի վերակացուն պահակախմբի հետ և զգուշությամբ ցնցում է նրա ուսը, նա տեղում շտկվում է, արմունկին հենվում, տեսնում է լույսը, «Ի՞նչ է»։— «Ժամը տասին մահապատիժն է»։ Նա քունը գլուխը չի հավատում, սկսում է վիճել, թե թուղթը մի շաբաթից հետո կգա, բայց երբ բոլորովին սթափվում է, դադարում է վիճելուց և լռում է,— այդպես էին պատմում,— հետո ասում է. «Համենայն դեպս դժվար է այսպես հանկարծակի․․․» և դարձյալ լռում է, և այլևս ոչինչ չի ուզում ասել։ Այստեղ երեք֊չորս ժամ անցնում է որոշ բաների վրա. քահանայի վրա, նախաճաշի վրա, որի ժամանակ նրան գինի, սուրճ և տավարի միս են տալիս (դե, ծաղր չէ՞ դա։ Ախր մարդ մտածում է, թե որքան դաժան բան է դա, իսկ մյուս կողմից, աստվա՛ծ վկա, այդ անմեղ մարդիկ սրտանց են անում և համոզված են, որ դա մարդասիրություն է), հետո զուգվելը (գիտե՞ք ինչ բան է հանցագործի զուգվելը), վերջապես քաղաքի միջով տանում են մինչև, կառափնարան... Ես կարծում եմ, որ ահա այստեղ էլ թվում է, թե դեռ անսահման ժամանակ է մնում ապրելու, մինչ տանում են։ Ինձ թվում է, ճանապարհին նա հավանաբար մտածում էր. «Դեռ շատ կա, դեռ երեք փողոց մնում է ապրելու. ահա այս փողոցը կանցնեմ, հետո դեռ այն մյուսը կմնա, հետո էլի այն մյուսը, որտեղ աջ կողմում բուլկավաճառն է․․․ դեռ ե՜րբ ենք հասնելու բուլկավաճառին»։ Շուրջը բազմություն է, աղմուկ, աղաղակ, տասը հազար դեմք, տասը հազար աչք, այդ բոլորին պետք է դիմանալ, իսկ գլխավորը՝ այն միտքը, թե՝ «Ահա, նրանք տասը հազար են, բայց նրանցից ոչ ոքի չեն սպանի, իսկ ինձ կսպանեն»։ Դե, ահա այս բոլորը նախօրոք։ Դեպի կառափնարան տանում է մի սանդղակ. այստեղ նա հանկարծ սանդղակի առաջ լաց եղավ, մինչդեռ նա ուժեղ և արի մարդ էր, ասում են, մեծ չարագործ էր։ Նրա հետ շարունակ անբաժան էր քահանան, սայլակում էլ նրա հետ գնում և շարունակ խոսում էր, խոսում. հազիվ թե մահապարտը լսում էր նրան, թե սկսում էլ էր լսել, երրորդ բառն արդեն չէր հասկանում։ Պետք է որ այդպես լիներ։ Վերջապես սկսեց սանդղակին բարձրանալ. այստեղ ոտները կապած են, դրա համար էլ փոքր քայլերով են շարժվում։ Քահանան, որ ըստ երևույթին խելոք մարդ էր, դադարեց խոսելուց, և միայն շարունակ խաչն էր տալիս նրան համբուրելու։ Սանդղակի ներքևում նա շատ գունատ էր, իսկ երբ բարձրացավ ու կանգնեց կառափնարանի վրա, հանկարծ թղթի նման սպիտակեց, բոլորովին՝ ինչպես գրելու ճերմակ թուղթ։ Հավանաբար նրա ոտները թուլանում ու փայտանում էին, և սրտխառնոց էլ ուներ,— կարծես թե կոկորդում մի բան ճնշում է և դրանից խտուտ է գալիս,— դուք երբևէ զգացե՞լ եք վախի կամ շատ սարսափելի րոպեներին, երբ ամբողջ գիտակցությունն էլ մնում է, բայց արդեն ոչ մի իշխանություն չունի։ Ինձ թվում է, եթե, օրինակ, անխուսափելի կործանում է լինելու, տունը փուլ է գալիս ձեր վրա, ապա այստեղ մարդ հանկարծ սաստիկ կուզենա նստել ու աչքերը փակել և սպասել՝ ինչ լինելու է լինի... Ահա հենը այստեղ, երբ սկսվում էր այդ թուլությունը, քահանան շուտով մի այնպիսի արագ շարժումով ու լուռ, խաչը հանկարծ ուղիղ նրա շրթունքներին էր դնում, մի այնպիսի փոքրիկ, արծաթե, քառաթև խաչ, հաճախակի էր դնում, րոպեն մեկ։ Եվ հենց որ խաչը դիպչում էր շրթունքներին, նա աչքերը բաց էր անում և նորից մի քանի վայրկյան կարծես թե աշխուժանում էր և ոտքերը առաջ էին գնում։ Խաչը նա ագահաբար էր համբուրում, շտապում էր համբուրել, կարծես շտապում էր չմոռանալ ինչ֊որ պաշար վերցնել իր հետ, համենայն դեպս, բայց հազիվ թե այդ ժամանակ կրոնական որևէ բան էր գիտակցում։ Եվ այդպես էր մինչև վերջին րոպեն... Տարօրինակ է, որ այդ ամենավերջին վայրկյաններին հազվադեպ են ուշագնաց լինում։ Ընդհակառակը, գլուխը սարսափելի ապրում է և աշխատում, ըստ երևույթին՝ ուժգին, ուժգին, ուժգին, ինչպես բանող մեքենան, ես պատկերացնում եմ, ուղղակի բախում են զանազան մտքերը, բոլորն անավարտ, և կարող է պատահել, նաև այնպիսի ծիծաղելի, կողմնակի մտքեր. «Ահա այս մեկը նայում է՝ նրա ճակատին գորտնուկ կա, ահա դահճի ներքևի կոճակներից մեկը ժանգոտել է»... Մինչդեռ ամեն ինչ գիտես և ամեն ինչ հիշում ես, մի այդպիսի կետ կա, որը ոչ մի կերպ չի կարելի մոռանալ, և ուշագնաց լինել չի կարելի․ և ամեն ինչ նրա շուրջը, այդ կետի շուրջն է ման գալիս ու պտտվում։ Եվ մարդ մտածի, որ դա այդպես է մինչև վերջին քառորդ վայրկյանը, երբ գլուխն արդեն դրել է կառափնակոճղին, և սպասում է, և... գիտի, և հանկարծ իր վերևում կլսի, թե երկաթն ինչպես սահեց։ Մարդ անպայման դա կլսի։ Ես, եթե կառափնակոճղին պառկած լինեի, հատկապես ականջ կդնեի և կլսեի։ Այստեղ, գուցե ակնթարթի միայն մեկ տասներորդ մասն է, բայց մարդ անպայման կլսի։ Եվ պատկերացրեք, դեռ մինչև հիմա վիճում են այն մասին, որ, գուցե, երբ գլուխն արդեն թռչում է, ապա դեռ մի վայրկյանաչափ ժամանակ էլ, գուցե, գիտի, որ թռել է,— ինչպիսի՜ հասկացություն։ Իսկ եթե հի՜նգ վայրկյան... Կառափնարանն այնպես նկարեցեք, որ պարզ ու մոտիկից երևա միայն վերջին աստիճանը, ոճրագործը ոտքը դրել է դրա վրա. գլուխը, դեմքը թղթի պես ճերմակ է, քահանան պարզում է խաչը, ոճրագործն ագահաբար մեկնում է իր կապտած շրթունքները և նայում է, և ամեն ինչ գիտի։ Խաչը և գլուխը՝ ահա նկարը, քահանայի, դահճի, նրա երկու սպասավորների դեմքերը և մի քանի գլուխ ու աչք ցածում՝ այդ բոլորը կարելի է նկարել ասես թե երրորդ պլանի վրա, մշուշի մեջ, որպես լրացուցիչ մանրամասնություններ... Ահա թե ինչպիսի նկար։

Իշխանը լռեց և նայեց բոլորին։

— Դա, իհարկե, նման չէ կվիտեիզմի,— ինքն իրեն ասաց Ալեքսանդրան։

— Դե, հիմա պատմեցեք, թե ինչպես եք սիրահարված եղել,— ասաց Ադելաիդան։

Իշխանը զարմանքով նայեց նրան։

— Լսեցեք,— կարծես շտապում էր Ադելաիդան,— դուք դեռ պարտք եք մնում պատմելու բազելյան նկարի մասին, բայց հիմա ես ուզում եմ լսել, թե ինչպես եք սիրահարված եղել, մի ուրացեք, եղել եք։ Ընդսմին, հենց որ սկսում եք պատմել, դադարում եք փիլիսոփա լինելուց։

— Դուք հենց որ ավարտում եք պատմելը, անմիջապես ամաչում եք ձեր պատմածից,— հանկարծ նկատեց Ագլայան։— Դա ինչի՞ց է։

— Ի՜նչ հիմար բան է դա, վերջապես,— խոսքը կտրեց գեներալի կինը, զայրացած նայելով Ագլայային։

— Խելացի բան չէ,— հաստատեց Ալեքսանդրան։

— Չհավատաք նրան, իշխան,— դարձավ նրան տիկինը,— այդ նա դիտմամբ, ինչ-որ չարությունից դրդված է անում, նա ամենևին էլ այդպես հիմար չի դաստիարակված, բան մի կարծեք, որ նրանք այդպես ձանձրացնում են ձեզ։ Հավանաբար մտքները մի բան են դրել, բայց նրանք արդեն սիրում են ձեզ։ Ես նրանց դեմքերը գիտեմ։

— Ես էլ գիտեմ նրանց դեմքերը,— ասաց իշխանը, հատկապես շեշտելով իր բառերը։

— Այդ ինչպե՞ս,— հետաքրքրված հարցրեց Ադելաիդան։

— Դուք ի՞նչ գիտեք մեր դեմքերի մասին,— հետաքրքրվեցին նաև մյուս երկուսը։

Բայց իշխանը լուռ էր և լուրջ. բոլորը սպասում էին նրա պատասխանին։

— Ես ձեզ հետո կասեմ,— ասաց նա կամացուկ ու լուրջ։

— Դուք վճռականորեն ուզում եք շահագրգռել մեզ,— բացականչեց Ագլայան,— և ինչպիսի՜ հանդիսավորություն։

— Դե լավ,— նորից աճապարեց Ադելաիդան,— բայց եթե դուք դեմքերի այդպիսի գիտակ եք, ապա հավանաբար և սիրահարված եք եղել, նշանակում է, ես գուշակել եմ։ Դե ուրեմն պատմեցեք։

— Ես սիրահարված չեմ եղել,— պատասխանեց իշխանը նույնպես կամացուկ և լուրջ,— ես... երջանիկ էի այլ կերպ։

— Իսկ ինչպե՞ս, ինչո՞վ։

— Լավ, ես ձեզ կպատմեմ,— ասաց իշխանը կարծես խոր մտածմունքի մեջ ընկած։

VI

— Ահա դուք բոլորդ հիմա,— սկսեց իշխանը,— ինձ նայում եք այնպիսի հետաքրքրությամբ, որ եթե ես գոհացում չտամ դրան, ով գիտի բարկանաք ինձ վրա։ Ոչ, ես կատակ եմ անում,— շտապ ավելացրեց նա ժպտալով.— այնտեղ... այնտեղ բոլորը երեխաներ էին, ես ամբողջ ժամանակ այնտեղ երեխաների հետ էի, միմիայն երեխաների։ Դրանք այն գյուղի երեխաներն էին, ամբողջ խումբը, որ սովորում էր դպրոցում։ Ես ոչ թե դաս էի տալիս նրանց, օ, ոչ, դրա համար այնտեղ դպրոցական ուսուցիչ կար, Ժյուլ Տիբոն. ասենք, ես դաս էլ էի տալիս, բայց մեծ մասամբ նրանց հետ լինում էի հենց այնպես, և իմ բոլոր չորս տարիները այդպես էլ անցան։ Ինձ ուրիշ ոչ մի բան հարկավոր չէր։ Ես նրանց ամեն ինչ ասում էի, ոչինչ չէի թաքցնում նրանցից։ Նրանց հայրերն ու ազգականները բոլորն ինձնից նեղացան, որովհետև երեխաները, վերջապես, առանց ինձ չէին կարող յոլա գնալ և շարունակ իմ շուրջն էին խռնվում, իսկ դպրոցի ուսուցիչը, ի վերջո, նույնիսկ դարձավ իմ առաջին թշնամին։ Ես այնտեղ շատ թշնամիներ ունեցա և բոլորը երեխաների պատճաոով։ Նույնիսկ Շնեյդերն ինձ ամոթանք էր տալիս։ Եվ ինչի՞ց էին նրանք այդպես վախենում։ Երեխային կարելի է ամեն ինչ ասել, ամեն ինչ. ինձ միշտ զարմացրել է այն միտքը, թե որքան վատ են ճանաչում մեծերը երեխաներին, հայրերն ու մայրերը նույնիսկ իրենց երեխաներին։ Երեխաներից ոչինչ չպետք է թաքցնել, այն պատրվակով, որ նրանք փոքր են և նրանց համար վաղաժամ է իմանալը։ Ինչպիսի տխուր և տարաբախտ միտք։ Եվ ինչպես լավ են նկատում երեխաներն իրենք, որ հայրերը նրանց համարում են չափազանց փոքրիկ ու ոչինչ չհասկացող, մինչդեռ նրանք ամեն ինչ հասկանում են։ Մեծերը չգիտեն, որ երեխան նույնիսկ ամենադժվարին գործում կարող է չափազանց կարևոր խորհուրդ տալ։ Օ, աստվա՛ծ, երբ ձեզ վրա նայում է այդ լավիկ թռչնակը, դյուրահավատ ու երջանիկ, չէ՞ որ դուք կամաչեք նրան խաբել։ Ես նրա համար եմ թռչնակ անվանում նրանց, որովհետև աշխարհում թռչնակից լավ բան չկա։ Ի դեպ, գյուղում բոլորն ինձնից նեղացան ավելի շատ մի առիթով... Իսկ Տիբոն ուղղակի նախանձում էր ինձ. նա սկզբում շարունակ գլուխն էր օրորում և զարմանում, թե այդ ինչպես երեխաները իմ բոլոր ասածները հասկանում են, իսկ նրա համարյա ոչ մի ասածը չեն հասկանում, իսկ հետո նա սկսեց ինձ վրա ծիծաղել, երբ ես նրան ասացի, թե մենք երկուսս էլ նրանց ոչինչ չենք սովորեցնի, իսկ նրանք դեռ մեզ կսովորեցնեն։ Եվ նա ինչպե՜ս կարող էր ինձ նախանձել ու զրպարտել, երբ ինքն էլ երեխաների հետ էր ապրում։ Երեխաների միջոցով հոգին բուժվում է... Այնտեղ Շնեյդերի հաստատությունում մի հիվանդ կար, մի շատ դժբախտ մարդ։ Դա մի այնպիսի սոսկալի դժբախտություն էր, որ նմանը հազիվ թե հնարավոր լինի։ Նրան տվել էին խելագարությունից բուժվելու, իմ կարծիքով նա խելագար չէր. նա միայն սարսափելի տառապում էր, դա էր նրա ամբողջ հիվանդությունը։ Եվ եթե իմանայիք, թե վերջում ինչ դարձան նրա համար մեր երեխաները... Բայց ավելի լավ է այդ հիվանդի մասին հետո պատմեմ, ես հիմա կպատմեմ, թե ինչպես սկսվեց այդ ամենը։ Երեխաները սկզբում ինձ չսիրեցին։ Ես այնպես մեծ էի, ես միշտ այնպես ծանրաշարժ եմ, ես գիտեմ, որ նաև տգեղ եմ... Վերջապես և այն, որ ես օտարերկրացի էի։ Երեխաները սկզբում ինձ վրա ծիծաղում էին, իսկ հետո նույնիսկ սկսեցին քարեր շպրտել վրաս, երբ թաքուն ծիկրակելով տեսել էին, որ ես համբուրեցի Մարիին։ Իսկ ես ընդամենը մի անգամ եմ համբուրել նրան... Ոչ, մի ծիծաղեք,— շտապեց ընդհատել իշխանը իր ունկնդրուհիների քմծիծաղը,— այստեղ ամենևին էլ սեր չկար։ Եթե իմանայիք, թե դա ինչպիսի՜ դժբախտ արարած էր, ապա ինքներդ էլ շատ Կխղճայիք նրան, ինչպես և ինձ։ Նա մեր գյուղից էր։ Նրա մայրը զառամյալ պառավ էր, և նրանց փոքրիկ, երկու լուսամուտանոց բոլորովին խարխուլ տանը միջնորմով անջատված էր մի լուսամուտը, գյուղի գլխապետության թույլտվությամբ. այդ լուսամուտից նրան թույլ էին տվել կոշկակապերի, թելի, ծխախոտի, օճառի առևտուր անել, ամենաչնչին կոպեկներով, դրանով էլ նա ապրում էր։ Նա հիվանդ էր, և ոտքերն ամբողջովին ուռչում էին, այնպես որ նա շարունակ տեղում նստած էր։ Մարին նրա աղջիկն էր, մոտ քսան տարեկան, թուլակազմ ու նիհարիկ. նրա մեջ վաղուց էր թոքախտը բուն դրել, բայց նա շարունակում էր տնետուն գնալ օրավարձով ծանր աշխատանքի վարձվելու. հատակ էր լվանում, լվացք անում, բակերն ավլում, անասուններին խնամում։ Մի անցվոր ֆրանսիացի կոմի գայթակղեցրեց նրան ու տարավ, իսկ մի շաբաթ անց ճանապարհին գցեց նրան մենակ ու սուսուփուս հեռացավ։ Աղջիկը տուն հասավ ողորմություն խնդրելով, ամբողջովին կեղտոտված, ամբողջովին ցնցոտիների մեջ, քրքրված կոշիկներով, նա ոտքով էր եկել ամբողջ շաբաթը, գիշերել էր դաշտում և խիստ մրսել էր. ոտքերը վերքերով էին պատել, ձեռներն ուռել և ճաքճքվել։ Ի դեպ, առաջ էլ նա գեղեցիկ չէր, միայն աչքերն էին մեղմ, բարի, անմեղ։ Սաստիկ լռակյաց էր։ Մի անգամ, դեռ առաջ, աշխատանքի ժամանակ նա հանկարծ սկսեց երգել, և, հիշում եմ, բոլորը զարմացան և սկսեցին ծիծաղել. «Մարին սկսեց երգե՜լ։ Ինչպի՞ս, Մարին սկսեց երգե՜լ»,— ու նա սարսափելի շփոթվեց և հետո արդեն առհավետ լռեց։ Այն ժամանակ դեռ նրան գուրգուրում էին, բայց երբ նա վերադարձավ հիվանդ ու խոշտանգված, ոչ ոքի կողմից ոչ մի կարեկցանք չգտավ։ Որքա՜ն դաժան են նրանք այդ հարցում։ Որքա՜ն ծանր են նրանց հասկացողություններն այդ մասին։ Մայրը առաջինը նրան ընդունեց չարությամբ ու արհամարհանքով. «Դու հիմա ինձ պատվազրկեցիր»։ Հենց նա առաջինն էլ աղջկան մատնեց անարգանքի. երբ գյուղում իմացան, որ Մարին վերադարձել է, բոլորը վազ տվին Մարիին տեսնելու, և համարյա ամբողջ գյուղը հավաքվեց պառավի խրճիթում. ծերեր, մանուկներ, կանայք, աղջիկներ, բոլորը, այնպիսի շտապող, ագահ բազմությամբ։ Մարին պառկած էր հատակին, պառավի ոտների առաջ ու լալիս էր։ Երբ բոլորը եկան հավաքվեցին, նա ծածկվեց իր շաղ եկած մազերով և այդպես երեսն ի վայր սեղմվեց հատակին։ Շուրջը բոլորը նրան նայում էին որպես մի գարշելի արարածի. ծերունիները դատապարտում ու հայհոյում էին, երիտասարդները նույնիսկ ծիծաղում, կանայք հայհոյում էին նրան, նախատում, այնպիսի արհամարհանքով էին նայում, ինչպես մի սարդի նայելիս լինեին։ Մայրն այդ ամենը թույլ տվեց, ինքն էլ նստել էր այդտեղ, գլուխն էր օրորում ու հավանություն տալիս։ Մայրն այդ ժամանակ արդեն շատ հիվանդ էր և գրեթե մեռնում էր, երկու ամիս անց նա իրոք մեռավ. նա գիտեր, որ մեռնում է, բայց, համենայն դեպս, մինչև մահը չմտածեց աղջկա հետ հաշտվել, նույնիսկ նրա հետ մի բառ չէր փոխանակում, քշում էր հաշտը քնելու, նույնիսկ համարյա չէր կերակրում։ Պետք էր, որ պառավը հաճախակի իր հիվանդ ոտները տաք ջրի մեջ դներ։ Մարին ամեն օր լվանում էր նրա ոտները և խնամում էր նրան. մայրը լուռ ընդունում էր այդ բոլոր ծառայությունները, և նրան ոչ մի փաղաքշական խոսք չասաց։ Մարին ամեն ինչ տանում էր, և հետո, երբ ես ծանոթացա նրա հետ, նկատեցի, որ նա ինքն էլ այդ ամենին հավանություն է տալիս և ինքն էլ իրեն համարում է մի ամենավերջին արարած։ Երբ պառավը բոլորովին անկողին ընկավ, սկսեցին նրան խնամելու գալ գյուղի պառավները, հերթով․ այդտեղ այդպիսի կարգ կա։ Այդ ժամանակ արդեն բոլորովին դադարեցին Մարիին կերակրելուց. իսկ գյուղում բոլորը նրան վռնդում էին և ոչ ոք չէր ուզում նույնիսկ առաջվա պես աշխատանք տալ։ Բոլորը կարծես թքում էին նրա վրա, իսկ տղամարդիկ դադարեցին նույնիսկ նրան կին համարելուց, շարունակ այնպիսի նողկալի բաներ էին ասում նրան։ Երբեմն, շատ հազվադեպ, երբ կիրակի օրերը խմում հարբում էին, ծաղրի համար նրան կոպեկներ էին շպրտում, այնպես, ուղղակի գետնին. Մարին լուռ բարձրացնում էր։ Նա դեռ այն ժամանակ սկսեց արյուն հազալ։ Վերջապես նրա ցնցոտիները բոլորովին գջլտվեցին, այնպես որ ամոթ էր գյուղում երեվալ. իսկ վերադարձի օրվանից բոբիկ էր ման գալիս։ Ահա հենց այս ժամանակ, հատկապես երեխաները, ամբողջ խմբով,— քառասունից ավելի դպրոցականներ էին դրանք,― սկսեցին ձեռ առնել նրան, գրգռել և նույնիսկ ցեխ շպրտել վրան։ Նա հովվին խնդրեց, որ թույլ տա կովերին նայել, բայց հովիվը նրան վռնդեց։ Այն Ժամանակ նա ինքը՝ առանց թույլտվության, սկսեց նախիրի հետ ամբողջ օրով հեռանալ տնից։ Քանի որ նա հովվին շատ օգուտ էր տալիս, և հովիվը դա նկատեց, այլևս չէր քշում նրան և նույնիսկ երբեմն իր ճաշի մնացորդը՝ հաց ու պանիր, տալիս էր նրան։ Նա համարում էր, որ դա մեծ ողորմածություն է իր կողմից, իսկ երբ մայրը մեռավ, ապա պաստորը չամաչեց եկեղեցում բոլորի առաջ խայտառակել Մարիին։ Մարին կանգնել էր դագաղի հետև, ինչպես կար, իր ցնցոտիներով, և լալիս էր։ Շատ ժողովուրդ էր հավաքվել դիտելու, թե նա ինչպես է լաց լինելու և դագաղի հետևից գնալու. այն ժամանակ պաստորը,― նա դեռ երիտասարդ մարդ էր, և նրա ամբողջ պատվախնդրությունը մեծ քարոզիչ դառնալն էր,— դարձավ բոլորին ու ցույց տվեց Մարիին․ «Ահա թե ով էր այս հարգարժան կնոջ մահվան պատճառը» (և ճիշտ չէ, որովհետև պառավն արդեն երկու տարի է, ինչ հիվանդ էր), «ահա նա կանգնել է ձեր առաջ և չի համարձակվում աչքը բարձրացնել, որովհետև նրան նշել է աստծու մատը. ահա նա բոկոտն է ու ցնցոտիապատ, որպես օրինակ նրանց, ովքեր կորցնում են առաքինությունը։ Ո՞վ է սա։ Սա նրա դուստրն է», և ամբողջ այս ոգով։ Եվ պատկերացրեք, այդ ստորությունը գրեթե նրանց բոլորին դուր եկավ, բայց... այստեղ մի առանձին պատմություն ստացվեց. այստեղ պաշտպան կանգնեցին երեխաները, որովհետև այդ ժամանակ արդեն բոլոր երեխաներն իմ կողմն էին և սկսել էին սիրել Մարիին։

Դա ահա թե ինչպես եղավ. ես ուզեցա որևէ բան անել Մարիի համար. շատ հարկավոր էր փող տալ նրան, բայց այնտեղ ես երբեք ոչ մի կոպեկ փող չէի ունենում։ Ես մի ադամանդե քորոց ունեի և դա վաճառեցի մի վերագնորդի. սա գյուղից գյուղ ման էր գալիս և հին զգեստի առևտուր էր անում։ Նա ինձ ութ ֆրանկ տվեց, մինչդեռ քորոցը հաստատ քառասուն արժեր։ Ես երկար ժամանակ ջանում էի Մարիին հանդիպել մենակ, վերջապես մենք հանդիպեցինք գյուղից դուրս՝ ցանկապատի մոտ, դեպի սարը տանող զարտուղի արահետի մոտ բուսած ծառի հետև։ Այստեղ ես նրան տվի ութ ֆրանկը և նրան ասացի, որ լավ պահի, որովհետև ես ուրիշ փող չեմ ունենա, իսկ հետո համբուրեցի նրան ու ասացի, որ նա չկարծի, թե ես որևէ վատ մտադրություն ունեմ, և որ նրան համբուրում եմ ոչ նրա համար, որ սիրահարված եմ իրեն, այլ նրա համար, որ շատ եմ խղճում և որ սկզբից ևեթ նրան ամենևին մեղավոր չեմ համարել, այլ համարել եմ միայն դժբախտ։ Ես շատ էի ուզում տեղնուտեղը և մխիթարել, և համոզել նրան, որ նա չպետք է բոլորի առաջ իրեն այդպես ստոր համարի, բայց նա, կարծեմ, չհասկացավ։ Ես դա իսկույն նկատեցի, թեև նա գրեթե ամբողջ ժամանակ լուռ էր և իմ առաջ կանգնել էր աչքերը ցած գցած և խիստ ամաչելով։ Երբ ես վերջացրի, նա ձեռքս համբուրեց և, ես անմիջապես բռնեցի նրա ձեռքը և ուզում էի համբուրել, բայց Մարին շտապով իր ձեռքը կորզեց, հանկարծ այդ ժամանակ մեզ լրտեսեցին երեխաները, մի ամբողջ բազմություն. ես հետո իմացա, որ նրանք վաղուց էին ծածուկ ինձ հետևում։ Նրանք սկսեցին սուլել, ծափ զարկել ու ծիծաղել, իսկ Մարին տեղից պոկվեց ու փախավ։ Ես ուզեցի խոսել, բայց երեխաներն սկսեցին քարեր շպրտել վրաս։ Նույն օրը բոլորն իմացան, ամբողջ գյուղը, բոլորը նորից թափվեցին Մարիի վրա, սկսեցին է՛լ ավելի չսիրել նրան։ Նույնիսկ լսեցի, որ ուզեցել են պատժի դատապարտել նրան, բայց, փառք աստծու, առանց դրան անցավ, բայց երեխաներն արդեն հանգիստ չէին տալիս նրան, առաջվանից ավելի ձեռ էին առնում, գրգռում, ցեխ շպրտում վրան, քշում են նրան, Մարին նրանցից փախչում, վազում է իր հիվանդ կրծքով, շնչահեղձ է լինում, երեխաներն ընկնում են նրա հետևից, բղավում են, հայհոյում։ Մի անգամ նույնիսկ ես կռվի նետվեցի նրանց դեմ։ Հետո սկսեցի խոսել նրանց հետ, խոսում էի ամեն օր, հենց որ կարողանում էի։ Նրանք երբեմն կանգնում և ականջ էին դնում, թեև դեռ շարունակում էին հայհոյել։ Ես նրանց պատմեցի, թե որքան դժբախտ է Մարին. շուտով նրանք դադարեցին հայհոյելուց և լուռ հեռանում էին։ Կամաց֊կամաց մենք սկսեցինք զրուցել, ես նրանցից ոչինչ չէի թաքցնում. ես նրանց ամեն ինչ պատմեցի։ Նրանք լսում էին շատ հետաքրքրված և շուտով սկսեցին խղճալ Մարիին։ Ոմանք, նրան հանդիպելիս, սկսեցին սիրալիր բարև տալ. այնտեղ սովորություն կա, իրար հանդիպելիս, ծանոթ թե անծանոթ, գլուխ տալ և ասել. «Բարև ձեզ»։ Պատկերացնում եմ, թե ինչպես էր զարմանում Մարին։ Մի անգամ երկու աղջիկ ուտելիք ճարեցին, տարան տվին Մարիին, եկան և ասացին ինձ։ Նրանք ասացին, որ Մարին լաց եղավ և որ հիմա իրենք նրան շատ են սիրում։ Շուտով բոլորն էլ սկսեցին սիրել նրան, միաժամանակ հանկարծ սկսեցին նաև ինձ սիրել։ Նրանք սկսեցին հաճախակի գալ ինձ մոտ և բոլորը խնդրում էին, որ նրանց բան պատմեմ։ Ինձ թվում է, լավ էի պատմում, որովհետև նրանք շատ էին սիրում ինձ ունկնդրել։ Իսկ հետագայում ես և՛ սովորում, և շարունակ կարդում էի միայն նրա համար, որպեսզի հետո նրանց պատմեի և հետո ամբողջ երեք տարի ես նրանց պատմում էի։ Երբ հետո բոլորն ինձ մեղադրում էին,— Շնեյդերը նույնպես,— թե ինչու եմ նրանց հետ խոսում ինչպես մեծերի հետ և նրանցից ոչինչ չեմ թաքցնում, ես նրանց պատասխանում էի, որ ամոթ բան է նրանց խաբելը, որ առանց այդ էլ նրանք ամեն ինչ գիտեն, որքան էլ նրանցից թաքցնես և կիմանան, թերևս, գարշելի ձևով, իսկ ինձնից գարշելի ձևով չեն իմանա։ Բավական էր, որ ամեն մեկը հիշեր, թե ինչպես ինքը երեխա էր եղել։ Նրանք համաձայն չէին... Ես Մարիին համբուրեցի նրա մոր մահվանից դեռ երկու շաբաթ առաջ. իսկ երբ պաստորը քարոզ էր կարդում, բոլոր երեխաներն արդեն իմ կողմն էին։ Ես նրանց անմիջապես պատմեցի ու բացատրեցի պաստորի արարքը. բոլորը բարկացան նրա վրա, իսկ մի քանիսն այն աստիճան, որ քարերով լուսամուտների ապակիները ջարդեցին։ Ես նրանց ետ պահեցի, որովհետև դա արդեն վատ բան էր, բայց անմիջապես գյուղում բոլորն ամեն ինչ իմացան և ահա այդտեղ էլ սկսեցին ինձ մեղադրել, որ ես երեխաներին փչացրել եմ։ Հետո բոլորն իմացան, որ երեխաները Մարիին սիրում են, և սաստիկ վախեցան. բայց Մարին արդեն երջանիկ էր։ Երեխաներին արգելեցին նույնիսկ հանդիպել նրան, բայց նրանք ծածուկ վազ էին տալիս նրա մոտ՝ նախիր, բավական հեռու, գյուղից կես վերստ այն կողմ, նրանք քաղցրեղեն էին տանում, իսկ ոմանք վազ էին տալիս ուղղակի նրա համար, որ փարվեին նրան, համբուրեին ու ասեին. «Je vous aime, Marie»[1].— և ապա արագ ետ փախչեին։ Մարին քիչ մնաց խելքը թռցներ այդպիսի անակնկալ երջանկությունից. նա նույնիսկ չէր երազել այդ մասին, նա ամաչում և ուրախանում էր, իսկ գլխավորը՝ երեխաները, հատկապես աղջիկները, ուզում էին վազ տալ նրա մոտ, որ ասեին, թե ես նրան սիրում եմ և նրա մասին իրենց շատ բան եմ ասում։ Նրանք Մարիին պատմեցին, որ այդ ես եմ ամեն ինչ ասել նրանց և որ հիմա նրանք Մարիին սիրում ու խղճում են, և միշտ այդպես կլինի։ Հետո վազ էին տալիս ինձ մոտ և այնպիսի ուրախ, տակն ու վրա եղած դեմքերով հայտնում, որ հիմա տեսել են Մարիին և որ Մարին ինձ բարևում է։ Իրիկունները ես գնում էի ջրվեժի մոտ. այնտեղ գյուղի կողմից բոլորովին ծածկված մի տեղ կար և շուրջը բարդիներ էին բուսնում. հենց այդտեղ, ինձ մոտ էին հավաքվում նրանք իրիկունները, ոմանք նույնիսկ ծածուկ։ Ինձ թվում է, նրանց համար չտեսնված հաճույք էր իմ սերը դեպի Մարին, և ահա իմ այնտեղի ամբողջ կյանքում միայն դրանում խաբեցի նրանց։ Ես նրանց կարծիքը չփոխեցի, որ բնավ չեմ սիրում Մարիին, այսինքն՝ սիրահարված չեմ նրան, որ միայն սաստիկ խղճում եմ նրան, ամեն ինչից տեսնում էի, որ նրանք ավելի շատ ուզում են, որ այնպես լինի, ինչպես իրենք պատկերացրել ու որոշել են իրենց մեջ, ուստի լռում և այնպես էի ձևացնում, թե նրանք կռահել են։ Եվ որ աստիճան նրբանկատ ու քնքուշ էին այդ փոքրիկ սրտերը, նրանց, ի միջի այլոց, անհնար թվաց, որ բարի Léon֊ն այդպես սիրում է Մարիին, իսկ Մարին այդպես վատ է հագնված և առանց կոշիկների է։ Պատկերացրեք, նրանք թե կոշիկ, թե գուլպա, թե սպիտակեղեն, թե նույնիսկ ինչ֊որ զգեստ ճարեցին նրա համար. ինչպես կարողացան գլուխ բերել՝ չեմ հասկանում, ամբողջ խմբով էին աշխատել։ Երբ նրանց հարցուփորձ էի անում, նրանք զվարթ ծիծաղում էին, իսկ աղջիկները ծափ էին զարկում և համբուրում էին ինձ։ Ես երբեմն նույնպես սուսիկ֊փուսիկ գնում էի Մարիի հետ տեսնվելու, նրա առողջությունն արդեն շատ էր վատացել և նա հազիվ էր ման գալիս, վերջապես բոլորովին դադարեց հովվին ծառայել, բայց և այնպես ամեն առավոտ նախրի հետ գյուղից գնում էր։ Նա նստում էր մեկուսի, այնտեղ գրեթե ուղիղ, ուղղաբերձ մի ժայռի ցցվածք կար, նա նստում էր բոլորի աչքից թաքուն անկյունում, քարի վրա և համարյա անշարժ նստած էր մնում ամբողջ օրը, առավոտվանից մինչև այն ժամը, երբ նախիրը վերադառնում էր։ Նա թոքախտից արդեն այնքան էր թուլացել, որ մեծ մասամբ նստում էր փակ աչքերով, գլուխը ժայռին հենած և ծանր շնչելով նիրհում էր, նրա դեմքը կմախքի պես նիհարել էր, և ճակատին ու քունքերին քրտինք էր դուրս տալիս։ Միշտ այդպես էի գտնում նրան։ Ես գալիս էի մի րոպեով և ես էլ չէի ուզում, որ ինձ տեսնեին։ Հենց որ գալիս էի, Մարին անմիջապես ցնցվում էր, աչքերը բաց անում և նետվում էր ձեռքերս համբուրելու։ Այլևս չէի փախցնում ձեռքերս, որովհետև նրա համար դա երջանկություն էր. ամբողջ ժամանակ, քանի նստած էի, նա դողում ու լալիս էր, ճիշտ է, մի քանի անգամ նա փորձ էր անում խոսել, բայց դժվար էր նրան հասկանալ։ Նա խելագարի պես էր լինում, սարսափելի հուզմունքի ու ցնծության մեջ։ Երբեմն երեխաները գալիս էին ինձ հետ։ Այդ դեպքում նրանք սովորաբար կանգնում էին քիչ հեռվում և սկսում էին մեզ պահակություն անել, չգիտես ինչից և ումից զգուշանալով, և դա նրանց համար անասելի հաճելի էր։ Երբ մենք հեռանում էինք, Մարին դարձյալ մենակ էր մնում, առաջվա պես անշարժ, աչքերը փակ և գլուխը ժայռին հենած. գուցե նա որևէ բանի մասին անրջում էր։ Մի առավոտ նա արդեն չէր կարող նախրի հետ դուրս գալ և մնաց իր ամայի տանը։ Երեխաներն անմիջապես իմացան և համարյա բոլորը նրան այցելության գնացին այդ օրը․ նա պառկած էր իր անկողնում մեն֊մենակ։ Երկու օր նրան խնամում էին միայն երեխաները, հերթով վազ տալով նրա մոտ, բայց հետո, երբ գյուղում իմացան, որ Մարին արդեն իսկապես մեռնում է, սկսեցին գյուղի պառավները գնալ, նստել և հերթապահել նրա մոտ։ Գյուղում, կարծես, սկսեցին խղճալ Մարիին, համենայն դեպս երեխաներին արդեն ետ չէին պահում և առաջվա պես չէին բարկանում։ Մարին ամբողջ ժամանակ նիրհի մեջ էր, նրա քունն անհանգիստ էր, սարսափելի հազում էր։ Պառավները երեխաներին հեռու էին քշում, բայց նրանք վազում էին լուսամուտի տակ, երբեմն միայն մի րոպեով, որպեսզի միայն ասեն. «Bonjour, notre bonne Marie!»[2], իսկ Մարին, հենց տեսնում էր կամ լսում նրանց ձայնը, ամբողջովին զվարթանում էր և իսկույն, ականջ չանելով պառավներին, ճգնում էր արմունկին հենվել, գլխով էր անում նրանց, շնորհակալություն հայտնում։ Նրանք առաջվա պես քաղցրեղեն էին բերում նրան, բայց Մարին համարյա ոչինչ չէր ուտում։ Երեխաների շնորհիվ, հավատացնում եմ ձեզ, նա մեռավ գրեթե երջանիկ։ Նրանց շնորհիվ նա մոռացավ իր սև թշվառությունը, կարծես ներումն ստացավ նրանցից, որովհետև մինչև վերջ իրեն համարում էր մեծ հանցագործուհի։ Երեխաները թռչնակների պես թևիկներով բախում էին նրա լուսամուտները և ամեն առավոտ կանչում. «Nous t’aimons, Marie!»[3]։ Նա շատ շուտով մեռավ։ Ես կարծում էի, նա շատ ավելի երկար կապրի։ Նրա մահվան նախօրեին, մայրամուտից առաջ, ես մտա նրա մոտ, կարծես նա ինձ ճանաչեց, և ես վերջին անգամ սեղմեցի նրա ձեռքը. ինչպե՜ս էր չորացել նրա ձեռքը։ Իսկ առավոտյան հանկարծ գալիս են ինձ մոտ և ասում, որ Մարին մեռել է։ Այստեղ երեխաներին ուղղակի զսպել չէր լինում, նրանք Մարիի դագաղն ամբողջովին զարդարեցին ծաղիկներով և գլխին ծաղկեպսակ գրին։ Պաստորը եկեղեցում արդեն չէր անպատվում մեռածին, ասենք, թաղմանն էլ շատ քիչ մարդ կար, այնպես, միայն հետաքրքրությունից դրդված եկել էին մի քանի հոգի, բայց երբ պետք էր դագաղը տանել, երեխաները բոլորը միանգամից նետվեցին, որպեսզի իրենք տանեն։ Քանի որ նրանք չէին կարող տանել, օգնում էին, բոլորը վազում էին դագաղի հետևից և բոլորը լաց էին լինում։ Այն ժամանակից ի վեր երեխաները մեծարում էին Մարիի գերեզմանը. ամեն տարի նրանք գերեզմանը զարդարում էին ծաղիկներով, շուրջը վարդեր էին տնկել։ Բայց հենց այդ թաղումից էլ երեխաների պատճառով սկսվեց ամբողջ գյուղի հալածանքը՝ ուղղված իմ դեմ։ Գլխավոր հեղինակները պաստորն ու դպրոցի ուսուցիչն էին։ Երեխաներին վճռականորեն արգելեցին նույնիսկ հանդիպել ինձ հետ, իսկ Շնեյդերը նույնիսկ պարտավորվեց հետևել դրան։ Բայց և այնպես մենք տեսնվում էինք, հեռվից նշանացի բացատրվում։ Նրանք ինձ ուղարկում էին իրենց փոքրիկ տոմսակները։ Հետագայում այդ բոլորը կարգավորվեց, բայց այն ժամ անակ շատ լավ էր. այդ հալածանքի պատճառով ես նույնիսկ ավելի սերտ մտերմացա երեխաների հետ։ Վերջին տարին ես նույնիսկ հաշտվեցի Տիբոյի և պաստորի հետ։ Իսկ Շնեյդերը ինձ շատ էր ասում ու հետս վիճում երեխաների հետ վարվելու իմ վնասակար «սիստեմի» մասին։ Ես ի՞նչ սիստեմ ունեմ որ։ Վերջապես, Շնեյդերը ինձ հայտնեց իր մի շատ տարօրինակ միտքը, դա արդեն իմ այնտեղից մեկնելուց անմիջապես առաջ էր. նա ինձ ասաց, որ ինքը լիովին համոզվեց, որ ես ինքս կատարյալ մանուկ եմ, այսինքն՝ լիովին մանուկ, որ ես միայն հասակով ու դեմքով եմ նման մեծի, բայց որ զարգացմամբ, հոգով, բնավորությամբ և, կարող է պատահել, նույնիսկ խելքով ես չափահաս չեմ, և այդպես էլ կմնամ, թեկուզ մինչև վաթսուն տարի ապրելու լինեմ։ Ես շատ էի ծիծաղում. նա, իհարկե, իրավացի չէ, որովհետև ես ի՞նչ փոքր եմ։ Բայց միայն մի բան ճիշտ է, ես իրոք էլ չեմ սիրում մեծերի, չափահաս մարդկանց հետ լինել, և դա ես վաղուց եմ նկատել, չեմ սիրում, որովհետև չեմ կարող։ Ինչ էլ խոսեն նրանք ինձ հետ, որքան էլ բարի լինեն իմ նկատմամբ, այնուամենայնիվ չգիտես ինչու միշտ ինձ համար ծանր է նրանց հետ, և ես սաստիկ ուրախ եմ, երբ կարող եմ շուտով գնալ ընկերներիս մոտ, իսկ իմ ընկերները միշտ երեխաներ են եղել, բայց ոչ նրա համար, որ ես ինքս երեխա էի, այլ ուղղակի նրա համար, որ միշտ երեխաներն ինձ ձգում էին։ Գյուղում ապրելու սկզբնական շրջանում,— այ այն ժամանակ, երբ գնում էի լեռները միայնակ թախծելու,— երբ ես միայնակ թափառելիս, երբեմն սկսեցի հանդիպել, հատկապես կեսօրին, երբ դպրոցից արձակում էին, իրենց տոպրակներն ու քարետախտակները ձեռներին, ճիչերով, ծիծաղով, խաղերով դուրս վազող այդ ամբողջ աղմկոտ խմբին, ապա իմ ողջ հոգին հանկարծ սկսում էր ձգտել դեպի նրանք։ Չգիտեմ, բայց ես սկսեցի չափազանց ուժեղ ու երջանիկ զգացում ունենալ ամեն անգամ նրանց հանդիպելիս։ Ես կանգ էի առնում և երջանկությունից ծիծաղում էի, նայելով նրանց փոքրիկ, փայլկտող և շարունակ վազող տոտիկներին, միասին վազող տղաներին ու աղջիկներին, նրանց ծիծաղին ու արցունքներին (որովհետև շատերն արդեն հասցրած էին լինում կռվել, լաց լինել, նորից հաշտվել ու խաղալ, մինչև դպրոցից տուն էին հասնում), այն ժամանակ ես մոռանում էի իմ ողջ թախիծը։ Իսկ հետո, բոլոր այդ երեք տարիներին, ես նույնիսկ հասկանալ չէի կարող, թե ինչպես են թախծում և ինչու են թախծում մարդիկ։ Ողջ կյանքս կապել էի նրանց հետ։ Ես երբեք չէի մտածում գյուղը թողնել, և մտքովս անգամ չէր անցնում, որ երբև կգամ այստեղ՝ Ռուսաստան։ Ինձ թվում էր, որ շարունակ այնտեղ կլինեմ, բայց վերջապես տեսա, որ Շնեյդերը չի կարող ինձ պահել, իսկ այստեղ վրա հասավ, թվում է, այն աստիճան կարևոր մի գործ, որ Շնեյդերն ինքը շտապեցրեց որ գամ, և իմ փոխարեն պատասխան ուղարկեց այստեղ։ Կտեսնեմ, թե դա ինչ բան է և որևէ մեկի հետ կխորհրդակցեմ։ Գուցե իմ վիճակը բոլորովին կփոխվի, բայց այդ բոլորը այն չի և գլխավորը չի։ Գլխավորն այն է, որ արդեն փոխվել է իմ ողջ կյանքը։ ես այնտեղ շատ բան թողի, չափազանց շատ։ Ամեն ինչ չքացավ։ Ես նստել էի վագոնում և մտածում էի. «Հիմա ես գնում եմ մարդկանց մոտ. գուցե ես ոչինչ չգիտեմ, բայց սկսվել է մի նոր կյանք»։ Ես որոշել եմ իմ գործը կատարել ազնվորեն ու հաստատակամ։ Թերևս մարդկանց հետ ինձ համար ձանձրալի ու ծանր կլինի։ Որոշել եմ բոլորի հետ նախապես քաղաքավարի ու անկեղծ լինել․ չէ՞ որ ոչ ոք ավելին չի պահանջի ինձնից։ Կարող է պատահել, այստեղ էլ ինձ երեխայի տեղ դնեն, է՛, թո՛ղ։ Չգիտեմ ինչու բոլորը ինձ նաև ապուշի տեղ են դնում․ ես, իրոք, մի ժամանակ այնպես հիվանդ էի, որ այն ժամանակ նման էի ապուշի, բայց հիմա ես ի՞նչ ապուշ եմ, երբ հասկանում եմ, որ ինձ ապուշի տեղ են դնում։ Ես ներս եմ մտնում և մտածում եմ. «Ահա ինձ ապուշի տեղ են դնում, բայց և այնպես ես խելացի եմ, իսկ նրանք գլխի էլ չեն ընկնում...»։ Հաճախ է դա իմ մտքովն անցնում։ Երբ Բեռլինում այնտեղից մի քանի փոքրիկ նամակ ստացա, որ երեխաներն արդեն հասցրել էին ինձ գրել, ապա այստեղ միայն հասկացա, թե ինչպես էի սիրում նրանց։ Շատ ծանր բան է առաջին նամակն ստանալը։ Ինչպե՜ս էին թախծում նրանք, երբ ինձ ճանապարհ էին դնում։ Դեռ մի ամիս առաջ էին սկսել ճանապարհ դնել. «Léon s’en va, Léon s’en va pour toujours!»[4]։ Մենք առաջվա պես ամեն իրիկուն հավաքվում էինք ջրվեժի մոտ և շարունակ խոսում էինք այն մասին, թե ինչպես, ենք բաժանվելու։ Երթեմն նույնքան ուրախ էր լինում, ինչպես և առաջ, միայն, երբ ցրվում էին քնելու, նրանք սկսել էին պինդ ու ջերմորեն փարվել ինձ, մի բան, որ առաջ չէին անում։ Ոմանք բոլորից թաքուն վազ էին տալիս ինձ մոտ, մեկիկ֊մեկիկ, միայն նրա համար, որպեսզի ինձ փարվեն ու համբուրեն մենակ, ոչ բոլորի ներկայությամբ։ Երբ ես արդեն ճանապարհ ելա, բոլորը, ամբողջ խմբով ուղեկցում էին ինձ մինչև կայարան։ Երկաթուղու կայարանը մեր գյուղից մոտավորապես մի վերստ հեռու էր։ Նրանք զսպում էին իրենց, որ լաց չլինեն, բայց շատերը չէին կարող և լալիս էին բարձրաձայն, հատկապես աղջիկները։ Մենք շտապում էինք, որպեսզի չուշանանք, բայց հանկարծ ճանապարհի մեջտեղը նրանցից մեկն ու մեկը նետվում էր դեպի ինձ, գրկում էր ինձ իր փոքրիկ թաթիկներով ու համբուրում, միայն դրա համար կանգնեցնելով ամբողջ բազմությունը. իսկ մենք, թեև շտապում էինք, բայց բոլորս կանգ էինք առնում և սպասում, մինչև նա հրաժեշտ կտար։ Երբ ես վագոն նստեցի, ու գնացքը շարժվեց, նրանք բոլորը ինձ «ուռա» բղավեցին և երկար կանգնած էին տեղում, մինչև գնացքը բոլորովին հեռացավ։ Ես ևս նայում էի... Լսեցեք, երբ ես քիչ առաջ մտա այստեղ և նայեցի ձեր համակրելի դեմքերին,— ես հիմա շատ եմ զննում դեմքերը,— և լսեցի ձեր առաջին բառերը, ապա այն ժամանակվանից ի վեր առաջին անգամ սիրտս թեթևացավ։ Ես այն ժամանակ մտածեցի, թե գուցե իսկապես էլ ես երջանիկներից եմ, ախր ես գիտեմ, որ այնպիսի մարդկանց, որոնց մարդ անմիջապես կսիրի, շուտ չի հանդիպում, իսկ ես ձեզ հանդիպեցի անմիջապես, հենց որ վագոնից իջա։ Ես շատ լավ գիտեմ, որ ամոթ է բոլորին ասել իր զգացմունքների մասին, բայց ահա ձեզ ասում եմ և ձեզանից չեմ ամաչում։ Միայն սա մի ընդունեք որպես վատ միտք, ես նրա համար չասացի, որ ձեզ չեմ գնահատում, և մի կարծեք նաև, թե ես որևէ բանի համար վիրավորվեցի։ Դուք ինձ հարցնում էիք ձեր դեմքերի մասին և այն, թե ես ինչ նկատեցի դրանցում։ Մեծ բավականությամբ ձեզ կասեմ այդ։ Ձեր դեմքը, Ադելաիդա իվանովնա, երջանիկ է, բոլոր երեք դեմքերից ամենահամակրելին։ Բացի այն, որ դուք շատ լավիկն եք, մարդ ձեզ վրա նայում ու ասում է. «Նրա դեմքը բարի քրոջ դեմքի է նման»։ Դուք մոտենում եք պարզ ու զվարթ, բայց և կարողանում եք մարդու սիրտը արագ ճանաչել։ Ահա այդպես է թվում ինձ ձեր դեմքը։ Ձեր դեմքը, Ալեքսանդրա Իվանովնա, նույնպես սքանչելի և շատ հաճելի է, բայց, կարող է պատահել, դուք մի թաքուն թախիծ ունեք. ձեր հոգին, անկասկած, շատ բարի է, բայց դուք ուրախ չեք։ Ձեր դեմքին մի առանձնահատուկ երանգ կա, որ նման է Հոլբեյնի գրեզդենյան Մադոննային։ Ահա և ձեր դեմքի մասին. լա՞վ գուշակող եմ։ Դուք ինքներդ եք ինձ գուշակողի տեղ դնում։ Բայց ձեր դեմքի մասին, Լիզավետա Պրոկոֆևնա,— դարձավ նա հանկարծ գեներալի կնոջը,— ձեր գեմքի մասին արդեն ոչ թե ինձ թվում է, այլ ուղղակի համոզված եմ, որ դուք կատարյալ մանուկ եք ամեն, ամեն, ամեն ինչում, թե լավի, թե վատի մեջ, չնայած որ այդ տարիքումն եք։ Դուք, իհարկե, ինձ վրա չե՞ք բարկանում, որ այսպես եմ ասում։ Չէ՞ որ դուք գիտեք, թե երեխաներին ես ինչ եմ համարում։ Եվ մի կարծեք, թե ես պարզամտությունից էի այդպես անկեղծորեն ամեն ինչ ասում ձեր դեմքերի մասին, օ, ո՜չ, բոլորովին ոչ։ Գուցե ես էլ իմ միտքն ունեի։


VII

Երբ իշխանը լռեց, բոլորը նրան նայում էին զվարթ, նույնիսկ Ագլայան, բայց առանձնսհպես Լիզավետա Պրոկոֆևնան։

― Ահա և քննեցի՜նք,— բացականչեց նա։— Հը՛, ողորմած տիրուհիներ, կարծում էիք, թե դուք պիտի հովանավորեիք նրան ինչպես խղճուկի, իսկ նա ինքը հազիվ արժանացրեց ձեզ ընտրելու, այն էլ վերապահումով, որ միայն հազվադեպ է այցելելու։ Եվ ահա մենք ենք հիմարի վիճակում, իսկ ամենից ավելի Իվան Ֆյոդորովիչը, և ես ուրախ եմ։ Բրա՛վո, իշխան․ քիչ առաջ պատվիրեցին ձեզ քննել։ Իսկ ինչ որ իմ դեմքի մասին ասացիք, կատարյալ ճշմարտություն է, ես մանուկ եմ և գիտեմ այդ։ Ես դեռ ձեզանից առաջ էլ գիտեի այդ մասին, դուք հենց արտահայտեցիք իմ միտքը մի խոսքով։ Ձեր բնավորությունը ես գտնում եմ, որ միանգամայն իմին նման է, ինչպես ջրի երկու կաթիլը, և շատ ուրախ եմ։ Միայն դուք տղամարդ եք, իսկ ես կին և Շվեյցարիայում չեմ եղել․ ահա և ամբողջ տարբերությունը։

— Մի՛ շտապեք, maman,— բացականչեց Ագլայան,— իշխանն ասում է, որ իր բոլոր խոստովանությունների մեջ հատուկ միտք ուներ և զուր տեղը չէր խոսում։

— Այո, այո,— ծիծաղում էին մյուսները։

— Ձեռ մի առեք, սիրելիներս, նա դեռ, կարող է պատահել, ավելի խորամանկ է, քան երեքդ միասին։ Կտեսնեք։ Միայն թե, իշխան, այդ ինչո՞ւ Ագլայայի մասին ոչինչ չասացիք։ Ագլայան սպասում է, ես էլ եմ սպասում։

— Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել, հետո կասեմ։

— Ինչո՞ւ։ Կարծես, ուշագրա՞վ է։

— Օ, այո, ուշագրավ է. դուք արտակարգ գեղեցկուհի եք, Ագլայա Իվանովնա։ Դուք այնպես գեղեցիկ եք, որ մարդ վախենում է ձեզ նայել։

— Եվ միա՞յն։ Իսկ հատկություննե՞րը,— պնդում էր գեներալի կինը։

— Գեղեցկությունը դժվար է դատել, ես դեռ չեմ նախապատրաստվել։ Գեղեցկությունը հանելուկ է։

— Դա նշանակում է, որ դուք Ագլայային հանելուկ առաջարկեցիք,— ասաց Ադելաիդան,― հապա հանիր, Ագլայա։ Իսկ նա գեղեցի՞կ է, իշխան, գեղեցի՞կ է։

— Արտակարգ,— եռանդով պատասխանեց իշխանը, հափշտակությամբ նայելով Ագլայային,— գրեթե ինչպես Նաստասյա Ֆիլիպովնան, չնայած բոլորովին ուրիշ դեմք է․․․

Բոլորը զարմացած իրար նայեցին։

— Ինչպես ո-ոո՞վ,— ծոր տվեց գեներալի կինը,— ինչպես Նաստասյա Ֆիլի՞պովնան։ Դուք որտե՞ղ եք տեսել Նաստասյա Ֆիլիպովնային։ Ի՞նչ Նաստասյա Ֆիլիպովնա։

— Քիչ առաջ Գավրիլա Արդալիոնովիչը Իվան Ֆյոդորովիչին ցույց տվեց նրա պատկերը։

— Ինչպե՞ս, պատկերը բերել էր Իվան Ֆյոդորովիչի՞ն։

— Ցույց տալու։ Նաստասյա Ֆիլիպովնան այսօր իր պատկերը նվիրել էր Գավրիլա Արդալիոնովիչին, իսկ սա բերել էր ցույց տալու։

— Ես ուզում եմ տեսնել,— վրա ընկավ գեներալի կինր,— ո՞ւր է այդ պատկերը։ Եթե նրան է նվիրել, ուրեմն նրա մոտ էլ պետք է լինի, իսկ նա, իհարկե, դեռ կաբինետում է։ Չորեքշաբթի օրերը նա միշտ գալիս է աշխատելու և երբեք չորսից շուտ չի գնում։ Անմիջապես կանչել Գավրիլա Արդալիոնովիչին։ Ո՛չ, ես այնքան էլ չեմ մեռնում նրան տեսնելու ցանկությունից։ Շնորհ արեք, իշխան, աղավնյակս, գնացեք կաբինետ, պատկերը նրանից վերցրեք և բերեք այստեղ։ Ասացեք՝ ուզում են տեսնել։ Խնդրում եմ։

— Լավն է, բայց շատ պարզունակ է,― ասաց Ադելաիդան, երբ իշխանը դուրս եկավ։

― Այո, մի տեսակ շատ պարզունակ,― հաստատեց Ալեքսանդրան,— այնպես որ նույնիսկ մի քիչ ծիծաղելի է։

Թե մեկը, թե մյուսը կարծես թե չէին արտահայտում իրենց ամբողջ միտքը։

— Ի դեպ, նա լավ տակից դուրս եկավ մեր դեմքերը նկարագրելիս,— ասաց Ագլայան,― բոլորիս շողոքորթեց, նույնիսկ mainan-ին։

— Մի սրամտիր, խնդրեմ,— բղավեց գեներալի կինը,— ոչ թե նա շողոքորթեց, այլ ես եմ շոյված։

— Դու կարծում ես նա տակից դո՞ւրս էր գալիս,— հարցրեց Ադելաիդան։

— Ինձ թվում է, նա այնքան էլ պարզունակ չէ։

— Դե, սկսե՜ց,— բարկացավ գեներալի կինը.— իսկ իմ կարծիքով դուք նրանից էլ ծիծաղելի եք։ Մի քիչ պարզունակ է, բայց իր բանը լավ գիտե, հասկանալի է, ամենաազնիվ իմաստով։ Բոլորովին, ինչպես ես։

«Իհարկե, շատ վատ է, որ պատկերի մասին խոսք թռցրի,— ինքն իրեն մտմտում էր իշխանը կաբինետ մտնելիս և մի քիչ խղճի խայթ էր զգում։— Բայց․․․ գուցե և լավ արեցի, որ խոսք թռցրի․․․»։ Նրա գլխով սկսում էր մի տարօրինակ միտք անցնել, ի դեպ, դեռևս ոչ այնքան պարզ։

Գավրիլա Արդալիոնովիչը դեռ նստած էր կաբինետում և խորասուզվել էր իր թղթերի մեջ։ Ըստ երևույթին, իրոք նա զուր տեղը չէր ռոճիկ ստանում ակցիոներական ընկերությունից։ Նա սարսափելի շփոթվեց, երբ իշխանը պատկերը խնդրեց և պատմեց, թե այնտեղ ինչպես իմացան պատկերի մասին։

— Է֊է֊է՜խ։ Ձեր ինչի՞ն էր պետք դուրս տալ,— բղավեց նա չար զայրույթով,— դուք ոչինչ չգիտեք... Ապո՛ւշ,— մրթմրթաց նա ինքն իրեն։

— Մեղավոր եմ, ես բոլորովին առանց մտածելու, խոսքը տեղն եկավ՝ ասացի։ Ես ասացի, թե Ագլայան համարյա նույնքան գեղեցիկ է, որքան Նաստասյա Ֆիլիպովնան։

Գանյան խնդրեց ավելի մանրամասն պատմել, իշխանը պատմեց։ Գանյան նորից ծաղրաբար նայեց նրան։

— Կպել եք, պոկ չեք գալիս Նաստասյա Ֆիլիպովնայից...— մրթմրթաց նա, բայց չավարտեց ու մտածմունքի մեջ ընկավ։

Նա նկատելի տագնապի մեջ էր։ Իշխանը հիշեցրեց պատկերի մասին։

— Լսեցեք, իշխան,— հանկարծ ասաց Գանյան, կարծես մի անսպասելի միտք ծագեց նրա գլխում,— ես մի շատ մեծ խնդիրք ունեմ ձեզ... Բայց ես, ճշմարիտ, չգիտեմ...

Նա շփոթվեց ու խոսքը կիսատ թողեց. նա ինչ֊որ վճիռ էր կայացնում և կարծես պայքարում էր ինքն իր դեմ։ Իշխանը լուռ սպասում էր։ Գանյան մի անգամ էլ փորձող, սևեռուն հայացքով զննեց նրան։

— Իշխան, — սկսեց նա նորից,— հիմա այնտեղ ինձ վրա․․․ մի բոլորովին տարօրինակ հանգամանքի շնորհիվ․․․ և ծիծաղելի... և որում ես մեղավոր չեմ... Դե, մի խոսքով սա ավելորդ է,― այնտեղ ինձ վրա կարծես մի քիչ բարկանում են, այնպես որ մի որոշ ժամանակ չեմ ուզում այնտեղ մտնել առանց կանչվելու։ Ինձ սաստիկ պետք է հիմա խոսել Ագլայա Իվանովնայի հետ։ Ես համենայն դեպս գրեցի մի քանի խոսք (նրա ձեռքին հայտնվեց մի փոքրիկ ծալած թուղթ),― և ահա չգիտեմ, թե ինչպես հանձնեմ։ Հանձն չէի՞ք առնի, իշխան, հանձնել Ագլայա Իվանովնային, հիմա, բայց միայն Ագլայա Իվանովնային, այսինքն՝ այնպես, որ ոչ ոք չտեսնի, հասկանո՞ւմ եք։ Սա մի զարմանալի գաղտնիք չէ, այստեղ ոչ մի առանձին բան չկա... բայց... կանե՞ք։

— Դա ինձ այնքան էլ հաճելի չէ,— պատասխանեց իշխանը։

— Ախ, իշխան, դա ինձ ծայրահեղորեն անհրաժեշտ է,— սկսեց խնդրել Գանյան,— նա գուցե կպատասխանի... հավատացեք, որ ես միայն ծայրահեղ, ամենածայրահեղ դեպքում կարող էի դիմել... Հապա ո՞ւմ հետ ուղարկեմ... Սա շատ կարևոր է... Ինձ համար չափազանց կարևոր է...

Գանյան անասելի վախենում էր, որ իշխանը չի համաձայնի, և երկչոտ խնդրանքով նայում էր նրա աչքերին։

— Լավ, կհանձնեմ։

— Բայց այնպես, որ ոչ ոք չնկատի,— աղերսում էր ուրախացած Գանյան,— և ահա թե ինչ, իշխան, ես հույս ունեմ ձեր ազնիվ խոսքին, հը՞։

— Ես ոչ ոքի ցույց չեմ տա,— ասաց իշխանը։

— Տոմսակը կնքած չէ, բայց․․․— բերնից թռցրեց չափազանց իրար անցած Գանյան և շփոթված կանգ առավ։

— Օ, ես չեմ կարդա,— բոլորովին հասարակ պատասխանեց իշխանը, պատկերը վերցրեց ու դուրս եկավ կաբինետից։

Գանյան մենակ մնալով, գլուխը բռնեց։

— Նրա մեկ խոսքը, և ես... և ես, ճշմարիտ, գուցե և խզեմ...

Հուզմունքից ու սպասումից նա այլևս չէր կարող նորից թղթերով զբաղվել և սկսեց կաբինետում թափառել անկյունից անկյուն։

Իշխանը գնում էր մտածմունքի մեջ ընկած. նրան տհաճորեն զարմացրեց հանձնարարությունը, տհաճորեն զարմացրեց նաև այն միտքը, որ Գանյան Ագլայային տոմսակ է գրում։ Բայց հյուրասենյակից երկու սենյակ այն կողմ, նա հանկարծ կանգ առավ, կարծես մի բան հիշեց, շուրջը նայեց, մոտեցավ լուսամուտին և սկսեց դիտել Նաստասյա Ֆիլիպովնայի պատկերը։

Նա կարծես ուզում էր գուշակել այդ դեմքին թաքնված մի բան, որ նրան զարմացրել էր քիչ առաջ։ Քիչ առաջվա տպավորությունը գրեթե հանգիստ չէր տալիս նրան, և հիմա նա շտապում էր կարծես թե ինչ֊որ բան նորից ստուգել։ Իր գեղեցկությամբ և էլի ինչ֊որ բանով արտասովոր այդ դեմքը նրան հիմա ավելի սաստիկ զարմացրեց։ Կարծես թե անընդգրկելի հպարտություն և արհամարհանք, գրեթե ատելություն կար այդ դեմքին, և միևնույն ժամանակ ինչ-որ դյուրահավատ, ինչ-որ զարմանալի պարզասիրտ բան. այդ երկու հակադրությունը նույնիսկ կարծես թե ինչ-որ կարեկցություն էին հարուցում այդ դիմագծերին նայելիս։ Այդ շլացուցիչ գեղեցկությունը նույնիսկ անտանելի էր, դալուկ դեմքի, համարյա փոս ընկած այտերի և այրվող աչքերի գեղեցկությունը. տարօրինա՜կ գեղեցկություն։ Իշխանը մի րոպե նայում էր, հետո հանկարծ ուշքի եկավ, շուրջը նայեց, պատկերը շտապով մոտեցրեց շրթունքներին ու համբուրեց։ Երբ մի րոպե անց հյուրասենյակ մտավ, նրա դեմքը միանգամայն հանգիստ էր։

Բայը հենց որ ոտքը սեղանատուն դրեց (հյուրասենյակից դեռ մի սենյակ այս կողմ), դռան մեջ գրեթե նրա հետ ընդհարվեց Ագլայան, որը դուրս էր գալիս։ Նա մենակ էր։

— Գավրիլա Արդալիոնովիչը խնդրեց, որ ձեզ հանձնեմ,— ասաց իշխանը, նրան տալով տոմսակը։

Ագլայան կանգ առավ, տոմսակը վերցրեց և մի տեսակ տարօրինակ նայեց իշխանին։ Նվազագույն իսկ շփոթմունք չկար նրա հայացքում, թերևս մի փոքր զարմանք երևաց, և այդ էլ, թվում է, վերաբերում էր միայն իշխանին։ Իր հայացքով Ագլայան կարծես հաշվետվություն էր պահանջում՝ ի՞նչ ձևով էր իշխանը այս հարցում Գանյայի հետ հանդես գալիս, և պահանջում էր հանգիստ ու բարձրից։ Նրանք երկու-երեք ակնթարթ կանգնած մնացին դեմ դիմաց, վերջապես, հազիվհազ մի ծաղրական բան նշմարվեց Ագլայայի դեմքին. նա թեթևակի ժպտաց ու անցավ գնաց։

Գեներալի կինը միառժամանակ լուռ ու թեթև արհամարհանքով դիտում էր Նաստասյա Ֆիլիպովնայի պատկերը, որը նա բռնել էր առաջ մեկնած ձեռքին՝ հատկապես, ընդգծված կերպով աչքերից հեռու։

— Այո, գեղեցիկ է,— վերջապես ասաց նա,— նույնիսկ շատ գեղեցիկ է։ Ես երկու անգամ տեսել եմ նրան, միայն հեռվից։ Ուրեմն դուք այսպիսի՞ գեղեցկությունն եք գնահատում,— հանկարծ դարձավ նա իշխանին։

— Այո... այդպիսի․․․— պատասխանեց իշխանը որոշ ճիգով։

— Այսինքն՝ հենց այսպիսի՞։

— Հենց այդպիսի։

— Ինչո՞ւ։

— Այդ դեմքին․․․ շատ տառապանք կա․․․— ասաց իշխանը կարծես ակամա, կարծես ինքն իր հետ խոսելով և ոչ թե հարցին պատասխանելով։

— Դուք, ի դեպ, գուցե զառանցում եք,— վճռեց գեներալի կինը և գոռոզ շարժումով պատկերը գցեց սեղանին։

Ալեքսանդրան վերցրեց այն, Ադելաիդան մոտեցավ նրան և երկուսն էլ սկսեցին դիտել։ Այդ րոպեին Ագլայան նորից վերադարձավ հյուրասենյակ։

— Ինչպիսի՜ ուժ,— հանկարծ բացականչեց Ադելաիդան, քրոջ ուսի վրայով ուշաղիր զննելով պատկերը։

— Որտե՞ղ։ Ի՞նչ ուժ,— չոր հարցրեց Լիզավետա Պրոկոֆևնան։

— Այսպիսի գեղեցկությունն ուժ է,— տաք֊տաք ասաց Ադելաիդան։— Այսպիսի գեղեցկությամբ կարելի է աշխարհը շուռ տալ։

Նա մտազբաղ հեռացավ դեպի իր նկարչատախտակը։ Ագլայան պատկերին նայեց միայն հարևանցիորեն, աչքերը կկոցելով, ներքևի շրթունքը երկարացրեց, հեռացավ ու նստեց մի կողմ, ձեռները ծալած։

Գեներալի կինը զանգ տվեց։

— Այստեղ կանչել Գավրիլա Արդալիոնովիչին, նա կաբինետում է,— հրամայեց նա ներս մտած ծառային։

— Maman,— նշանակալից բացականչեց Ալեքսանդրան։

— Ես ուզում եմ նրան երկու խոսք ասել, և բավական է,— արագ նրա խոսքը կտրեց տիկինը, կանխելով առարկությունը։ Նա ըստ երևույթին գրգռված էր։― Գիտե՞ք ինչ, իշխան, հիմա այստեղ մեզ մոտ շարունակ գաղտնիքներ են։ Շարունակ գաղտնիքներ։ Այդպես է պահանջվում, ինչ-որ վարվելակարգ է, հիմար բան։ Եվ դա այնպիսի գործում, որը ամենից ավելի է անկեղծություն, պարզություն, ազնվություն պահանջում։ Սկսվում են ամուսնություններ, դուր չեն գալիս ինձ այդ ամուսնությունները․․․

— Maman, այդ ինչե՜ր եք ասում,— դարձյալ շտապեց նրան ընդհատել Ալեքսանդրան։

— Ի՞նչ ես ուզում, սիրելի դստրիկս։ Հենց քեզ մի՞թե դուր են գալիս։ Իսկ որ իշխանը լսում է, ոչինչ, մենք բարեկամներ ենք։ Համենայն դեպս՝ ես։ Աստված որոնում է մարդկանց, իհարկե, լավ մարդկանց, իսկ չար ու կամակոր մարդիկ նրան պետք չեն, հատկապես կամակոր մարդիկ, որոնք այսօր մի բան են վճռում, իսկ վաղն ուրիշ բան ասում։ Հասկանո՞ւմ եք, Ալեքսանդրա Իվանովնա։ Նրանք, իշխան, ասում են, թե ես խենթ եմ, իսկ ես գիտեմ տարբերել։ Որովհետև գլխավորը սիրտն է, իսկ մնացածը դատարկ բան է։ Խելք էլ է պետք, իհարկե... գուցե և ամենագլխավորը հենց խելքն է։ Մի՛ քմծիծաղիր, Ագլայա, ես ինքս ինձ չեմ հակասում։ Սիրտ ունեցող, բայց անխելք կինն էլ դժբախտ է, խելացի, բայց անսիրտ կինն էլ է դժբախտ։ Հին ճշմարտություն է։ Ահա ես սիրտ ունեցող անխելք կին եմ, իսկ դու խելացի անսիրտ կին ես, և մենք երկուսս էլ դժբախտ ենք, երկուսս էլ տառապում ենք։

— Այդ ինչո՞վ եք դուք այդքան դժբախտ, maman,— չհամբերեց Ադելաիդան, որը կարծես միակն էր ամբողջ խմբից, որ չէր կորցրել ուրախ տրամադրությունը։

— Նախ և առաջ ուսումնական աղջիկներիս պատճառով,— կտրուկ ասաց գեներալի կինը,— իսկ քանի որ միայն դա էլ բավական է, մնացածի մասին կարիք չկա ծավալվելու։ Բավական է, ինչքան երկարաբանություններ ենք արել։ Տեսնենք, թե ինչպես դուք երկուսդ էլ (Ագլայային չեմ հաշվում) ձեր խելքով ու երկարաբանությամբ տակից դուրս կգաք, և արդյոք դուք, մեծարգո Ալեքսանդրա Իվանովնա, երջանիկ կլինե՞ք ձեր հարգարժան պարոնի հետ... Ա՜․․․― բացականչեց նա, տեսնելով ներս մտնող Գանյային,— ահա գալիս է ևս մի ամուսնական միություն։ Բարև ձեզ,— պատասխանեց նա Գանյայի ողջույնին, չհրավիրելով նրան նստելու։— Դուք ամուսնանո՞ւմ եք։

— Ամուսնանո՞ւմ... Ինչպե՞ս... ի՞նչ ամուսնություն․․․― քրթմնջում էր շշկլված Գավրիլա Արդալիոնովիչը։ Նա անասելի շփոթվեց։

— Դուք կի՞ն եք առնում, հարցնում եմ ես, եթե միայն ձեզ ավելի է դուր գալիս այս արտահայտությունը։

— Ո֊ոչ․․․ Ես․․․ ո֊ոչ,— ստեց Գավրիլա Արդալիոնովիչը և ամոթի կարմրությունը պատեց նրա դեմքը։ Նա թռուցիկ նայեց մի կողմ նստած Ագլայային և արագ փախցրեց աչքերը։ Ագլայան սառը, սևեռուն, հանգիստ նայում էր նրան, առանց հայացքը կտրելու, և դիտում էր նրա շփոթությունը։

― Ո՞չ։ Դուք ասացիք ո՞չ,— համառորեն հարցաքննում էր անողոք Լիզավեաա Պրոկոֆևնան,— բավական է, ես միտքս կպահեմ, որ դուք այսօր, չորեքշաբթի առավոտյան, իմ հարցին ասացիք ինձ «ոչ»։ Այսօր օրն ի՞նչ է, չորեքշաբթի՞։

— Կարծեմ չորեքշաբթի, maman,— պատասխանեց Ադելաիդան։

— Երբեք օրերը չեմ իմանում։ Ամսի քանի՞սն է։

— Քսանյոթը,— պատասխանեց Գանյան։

— Քսանյո՞թը։ Այդ լավ է որոշ հաշիվներով։ Գնաք բարով, դուք, կարծեմ, շատ զբաղված եք, իսկ իմ հագնվելու և մեկնելու ժամանակն է. վերցրեք ձեր պատկերը։ Ողջույնս հաղորդեցեք դժբախտ Նինա Ալեքսանդրովնային։ Ցտեսություն, իշխան, աղավնյակս։ Անցիր հաճախակի, իսկ ես հատուկ կանցնեմ պառավ Բելոկոնսկայայի մոտ՝ քո մասին ասելու։ Եվ լսեք, սիրելիս, ես հավատում եմ, որ հենց ինձ համար է աստված ձեզ Շվեյցարիայից բերել Պետերբուրգ։ Գուցե դուք ուրիշ գործել էլ կունենաք, բայց գլխավորապես ինձ համար։ Աստված հենց այդպես է հաշիվ արել։ Ցտեսություն, սիրելիներս։ Ալեքսանդրա, անցիր ինձ մոտ, բարեկամս։

Գեներալի կինը դուրս եկավ։ Գանյան տապալված, իրեն կորցրած, չարացած, սեղանից վերցրեց պատկերը և ծամածռված ժպիտով դիմեց իշխանին.

— Իշխան, ես հիմա տուն եմ գնում, եթե չեք փոխել մեր տանն ապրելու մտադրությունը, ապա ձեզ տեղ կհասցնեմ, թե չէ դուք հասցեն էլ չգիտեք։

— Կացեք, իշխան,— ասաց Ագլայան, հանկարծ վեր կենալով իր բազկաթոռից,— դուք դեռ իմ ալբոմի մեջ գրելու եք։ Հայրիկս ասաց, որ դուք վայելչագիր եք։ Ես հիմա կբեբեմ․․․

Եվ նա դուրս եկավ։

— Ցտեսություն, իշխան, ես էլ եմ գնում,— ասաց Ադելաիդան։

Նա ամուր սեղմեց իշխանի ձեռքը, սիրալիր ու փաղաքուշ ժպտաց նրան և դուրս եկավ։ Գանյայի վրա նա չնայեց։

— Այդ դուք եք,— ատամները կրճտացրեց հանկարծ Գանյան, հարձակվելով իշխանի վրա, հենց որ բոլորը դուրս եկան,— այդ դուք եք նրանց մոտ դուրս տվել, որ ես ամուսնանում եմ,— մրթմրթում էր նա արագ կիսաշշուկով, կատաղի հայացքով և չարությամբ փայլեցնելով աչքերը,― անամոթ շաղակրատ։

— Հավատացնում եմ ձեզ, որ դուք սխալվում եք,― հանգիստ ու քաղաքավարի պատասխանեց իշխանը,― ես նույնիսկ չգիտեի, որ դուք ամուսնանում եք։

— Դուք այն ժամանակ լսեցիք, թե ինչպես Իվան Ֆյոդորովիչը ասում էր, որ այսօր երեկոյան ամեն ինչ կվճռվի Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ, հենց դա էլ հաղորդել եք։ Դուք ստում եք։ Նրանք որտեղի՞ց կարող էին իմանալ։ Բացի ձեզանից, սատանան տանի, էլ ո՞վ կարող էր հայտնել։ Մի՞թե պառավն ինձ չակնարկեց։

— Դուք ավելի լավ պետք է իմանաք, թե ով է հայտնել, եթե միայն ձեզ թվում է, թե ձեզ ակնարկեցին, ես այդ մասին ոչ մի խոսք չեմ ասել։

— Տոմսակը հանձնեցի՞ք։ Պատասխա՞նը,— տենդագին անհամբերությամբ նրա խոսքը կտրեց Գանյան։ Բայց հենց այդ րոպեին վերադարձավ Ագլայան, և իշխանը ոչինչ չհասցրեց պատասխանել։

— Ահա, իշխան,― ասաց Ագլայան՝ փոքրիկ սեղանի վրա դնելով իր ալբոմը,― մի էջ ընտրեցեք և որևէ բան գրեք ինձ համար։ Ահա գրիչ, այն էլ դեռ նոր։ Ոչի՞նչ, որ պողպատե է։ Վայելչագիրները, լսել եմ, պողպատե գրիչով չեն գրում։

Իշխանի հետ խոսելով, նա կարծես չէր էլ նկատում, որ Գանյան էլ այդտեղ է։ Բայց մինչդեռ իշխանը ուղղում էր գրիչը, էջ էր որոնում և պատրաստվում էր, Գանյան մոտեցավ բուխարիկին, որտեղ անմիջապես իշխանի աջ կողմում կանգնած էր Ագլայան, և կերկերուն, բեկբեկ ձայնով ասաց համարյա նրա ականջին.

— Մի խոսք, միայն մի խոսք ձեր բերնից, և ես փրկված եմ։

Իշխանն արագ շրջվեց և նայեց երկուսին։ Գանյայի դեմքին իսկական հուսահատություն կար, թվում էր, նա այդ բառերն արտասանեց մի տեսակ առանց մտածելու, գլխապաաառ։ Ագլայան մի քանի վայրկյան նրան նայում էր բոլորովին նույն հանգիստ զարմանքով, ինչպես քիչ առաք իշխանին, և, թվում է, այդ հանգիստ զարմանքը, որ կարծես բխում էր իրեն ասվածը իսպառ չհասկանալուց, Գանյայի համար այդ րոպեին ամենասաստիկ արհամարհանքից էլ սարսափելի էր։

— Ի՞նչ գրեմ,— հարցրեց իշխանը։

― Հիմա ես ձեզ կթելադրեմ,— ասաց Ագլայան շուռ գալով դեպի նա,— պատրա՞ստ եք։ Ուրեմն գրեցեք. «Ես չեմ սակարկում»։ Հիմա տակը գրեցեք ամիսն ու ամսաթիվը։ Ցույց տվեք։

Իշխանը ալբոմը տվեց նրան։

— Գերազա՜նց է։ Դուք զարմանալի եք գրել, հիանալի ձեռագիր ունեք։ Շնորհակալ եմ։ Ցտեսություն, իշխան... կացեք,— ավելացրեց նա, կարծես հանկարծ մի բան մտաբերելով,— գնանք, ես ուզում եմ հիշատակի համար ձեզ մի բան նվիրել։

Իշխանը գնաց նրա հետևից․ բայց, սեղանատուն մտնելով, Ագլայան կանգ առավ։

— Կարդացեք սա,— ասաց նա, մեկնելով Գանյայի գրած տոմսակը։

Իշխանը տոմսակը վերցրեց և տարակուսանքով նայեց Ագլայային։

— Ես հո գիտեմ, որ դուք սա չեք կարդացել և չեք կարող այդ մարդու հավատարմատարը լինել։ Կարդացեք, ես ուզում եմ, որ կարդաք։

Տոմսակն ըստ երևույթին գրված էր հապճեպ։

«Այսօր կվճռվի իմ բախտը, դուք գիտեք, թե ինչ ձևով։ Այսօր ես պետք է իմ անվերադարձ խոսքը տամ։ Ես ոչ մի իրավունք չունեմ ձեր կարեկցության, չեմ համարձակվում ոչ մի հույս ունենալ, բայց մի անգամ դուք արտասանեցիք մի բառ, լոկ մի բառ, և այդ բառը լուսավորեց իմ կյանքի ամբողջ սև գիշերը. ինձ համար դարձավ փարոս։ Հիմա էլ ասացեք մի այդպիսի բառ, և ինձ փրկեք կործանումից։ Ինձ միայն ասացեքճ՝ _ամեն ինչ խզիր_, և ես ամեն ինչ կխզեմ հենց այսօր ևեթ։ Օ, ձեզ համար ի՞նչ արժե դա ասելը։ Այդ բառով ես հայցում եմ միայն ձեր կարեկցության և խղճահարության նշանը դեպի ինձ,— և միայն, _միայն_ այդքանը։ Եվ ուրիշ ոչինչ, ոչինչ։ ես չեմ համարձակվում մտքումս որևէ հույս տածել, որովհետև արժանի չեմ դրան։ Բայց ձեր խուսքից հետո ես կրկին կընդունեմ իմ աղքատությունը, ես ուրախությամբ կտանեմ իմ հուսահատական վիճակը։ Ես կդիմավորեմ պայքարը, ես ուրախ կլինեմ այդ պայքարին, նոր ուժերով հարություն կառնեմ այդ պայքարում։

Ուրեմն ուղարկեցեք ինձ կարեկցության այդ խոսքը (երդվում եմ ձեզ, լոկ կարեկցությանն)։ Մի բարկացեք հուսաբեկի, խեղդվողի վրա, որ համարձակվել է վերշին ճիգը Գործադրել, որպեսզի իրեն փրկի կործանումից։ Գ. Ի.»։

— Այս մարդը հավատացնում է,— սուր ասաց Ագլայան, երբ իշխանն ավարտեց ընթերցումը,— որ «_ամեն ինչ խզեցեք_» խոսքը ինձ չի անվանարկի և ոչնչով չի պարտավորեցնի, և ինչպես տեսնում եք, իր այս տոմսակով ինքն է ինձ գրավոր երաշխիք տալիս։ Նկատեցեք, որքա՜ն միամտորեն շտապել է նա ընդգծել մի քանի բառերը և որքա՜ն կոպտորեն է նկատվում նրա թաքուն միտքը։ Ի դեպ, նա գիտի, որ եթե ամեն ինչ խզեր, բայց ինքը, մենակ, առանց իմ խոսքին սպասելու, և նույնիսկ առանց ինձ ասելու այդ մասին, ինձնից առանց որևէ հույս ունենալու, ապա ես այն ժամանակ կփոխեի զգացմունքներս դեպի նա, և, գուցե, նրա ընկերը դառնայի։ Այդ նա հաստատ գիտի։ Բայց նրա հոգին կեղտոտ է. նա գիտի և սիրտ չի անում. նա գիտի և համենայն դեպս երաշխիքներ է խնդրում։ Նա ի վիճակի չէ հավատին վստահել։ Նա ուզում է, որ ես հարյուր հազարի փոխարեն իմ անձի նկատմամբ նրան հույս տամ։ Իսկ առաջվա խոսքի վերաբերյալ, որի մասին նա ասում է տոմսակում և որը իբր թե լուսավորել է նրա կյանքը, նա անպատկառորեն ստում է։ Ես ուղղակի մի անգամ խղճացի նրան։ Բայց նա հանդուգն ու անամոթ է, նրա մեջ այն ժամանակ իսկույն հույսի հնարավորության միտքը ծագեց. ես դա անմիջապես հասկացա։ Այն ժամանակվանից նա սկսեց ինձ որսալ. հիմա էլ է որսում։ Բայց բավական է, վերցրեք և նրան վերադարձրեք տոմսակը, անմիջապես, հենց որ մեր տնից դուրս կգաք, հասկանալի է, ոչ առաջ։

— Իսկ ի՞նչ ասեմ նրան ի պատասխան։

— Հասկանալի է, ոչինչ։ Դա ամենալավ պատասխանն է։ Դուք, ուրեմն, ուզում եք նրա տա՞նն ապրել։

— Այն ժամանակ Իվան Ֆյոդորովիչն ինքը ինձ խորհուրդ տվեց, — ասաց իշխանը։

— Ուրեմն զգուշացեք նրանից, ես ձեզ նախազգուշացնում եմ. նա հիմա ձեզ չի ների, որ վերադարձնում եք տոմսակը։

Ագլայան թեթևակի սեղմեց իշխանի ձեռքը և դուրս եկավ։ Նրա դեմքը լուրջ ու խոժոռված էր, նա նույնիսկ չժպտաց, երբ գլխով արավ իշխանին հրաժեշտ տալու։

— Ես իսկույն, միայն կապոցս վերցնեմ,— ասաց իշխանը Գանյային,— և գնանք։

Գանյան անհամբերությունից ոտքը գետնին դոփեց։ Նրա դեմքը նույնիսկ սևացել էր կատաղությունից։ Վերջապես երկուսն էլ փողոց դուրս եկան, իշխանը՝ իր կապոցը ձեռքին։

— Պատասխա՞նը, պատասխա՞նը,— նրա վրա հարձակվեց Գանյան,— նա ձեզ ի՞նչ ասաց։ Դուք նամակը հանձնեցի՞ք։

Իշխանը լուռ նրան հանձնեց նրա տոմսակը։ Գանյան քարացավ։

— Ինչպե՞ս։ Իմ տոմսա՞կը,— բացականչեց նա,— սա չի էլ հանձնե՜լ։ Օ, ես պետք է գլխի ընկնեի, Օ, ա֊ն֊նիծվ․․․ հասկանալի է, որ նա քիչ առաջ ոչինչ չհասկացավ։ Ախր ինչպե՜ս, ինչպե՜ս, ինչպե՜ս չհանձնեցիք, օ, ա֊ն֊նիծվ...

― Ներեցեք ինձ, ընդհակառակը, ինձ անմիջապես հաջողվեց հանձնել ձեր տոմսակը, նույն րոպեին, հենց որ տվեցիք, և ճիշտ այնպես, ինչպես խնդրել էիք։ Տոմսակը նորից ինձ մոտ հայտնվեց նրա համար, որ Ագլայա Իվանովնան հիմա ինձ վերադարձրեց։

— Ե՞րբ։ Ե՞րբ։

― Հենց որ ես վերջացրի ալբոմում գրելը և երբ նա ինձ հրավիրեց իր հետ։ (Դուք լսեցի՞ք)։ Մենք մտանք սեղանատուն, նա տոմսակը տվեց ինձ, պատվիրեց կարդալ և պատվիրեց վերադարձնել ձեզ։

— Կ֊կար֊դա՜լ,— բղավեց Գանյան գրեթե ամբողջ կոկարդով մեկ,— կարդա՜լ։ Դուք կարդացի՞ք։

Եվ նա կրկին քարացած կանգ առավ մայթի մեջտեղում, բայց այն աստիճան զարմացած, որ նույնիսկ բերանը բաց էր մնացել։

— Այո, հիմա կարդացի։

— Եվ նա ինքը, ի՞նքը տվեց ձեզ կարդալու։ Ի՞նքը։

— Ինքը, և հավատացեք, որ ես չէի կարդա առանց նրա հրավերի։

Գանյան մի րոպե լուռ էր և տանջալից ճիգերով ինչ֊որ բան էր մտմտում, բայց հանկարծ բացականչեց.

— Չի՛ կարող պատահել։ Նա չէր կարող ձեզ պատվիրել, որ կարդաք։ Դուք ստում եք։ Ինքներդ եք կարդացել։

— Ես ճիշտ եմ ասում,— պատասխանեց իշխանը առաջվա, բոլորովին անխռով եղանակով,— հավատացեք, ես շատ ցավում եմ, որ դա ձեզ վրա այդքան տհաճ տպավորություն է գործում։

— Բայց, թշվառական, նա գոնե մի բան ասա՞ց ձեզ այդ ժամանակ։ Ախր մի բան պատասխանե՞ց։

— Այո, իհարկե։

— Դե ասացեք, ասացեք, օ գրո՛ղ...

Եվ Գանյան կրկնակոշիկ հագած ոտքը երկու անգամ դոփեց մայթին։

— Հենց որ կարդացի, նա ինձ ասաց, որ դուք նրան որսում եք, որ դուք նրան այդպես անվանարկում եք, որպեսզի նրանից հույս ստանաք, որպեսզի այդ հույսի վրա հենվելով, առանց վնասի խզեք հարյուր հազարի հետ կապված մի ուրիշ հույս։ Որ եթե դուք այդ բանն անեիք առանց նրա հետ սակարկելու, խզեիք դուք ինքներդ, առանց վաղօրոք նրանից երաշխիք խնդրելու, ապա նա, թերևս, ձեր ընկերը դառնար։ Ահա և բոլորը, կարծեմ։ Հա, էլի, երբ արդեն տոմսակը վերցնելով հարցրի, թե ի՞նչ պատասխան տանեմ, նա ասաց, որ չպատասխանելը ամենալավ պատասխանը կլինի, կարծեմ այդպես էր. ներեցեք, եթե մոռացել եմ նրա ճշգրիտ արտահայտությունը և հայտնում եմ ինչպես ինքս հասկացա։

Անսահման զայրույթը տիրեց Գանյային, և նրա կատաղությունը պոռթկաց անզուսպ կերպով։

— Ա՜։ Ուրեմն ահա թե ինչպես,— ատամներն էր կրճտացնում նա,— ուրեմն իմ տոմսակները լուսամուտից դուրս է շպրտում։ Ա՜։ Նա չի սակարկում, ուրեմն ես եմ սակարկո՜ւմ; Եվ կտեսնե՜նք։ Ես դեռ շատ բան ունեմ, կտեսնե՜նք... նեղը կլծե՜մ...

Նա ծամածռվում էր, գունատվում, փրփրում. նա սպառնում էր բռունցքով։ Մի քանի քայլ նրանք գնացին այդպես։ Իշխանից նա բոլորովին չէր քաշվում, կարծես մենակ իր սենյակում լիներ, որովհետև նրան վերին աստիճանի ոչնչություն էր համարում։ Բայց հանկարծ նա ինչ-որ րան մտածեց և սթափվեց։

— Բայց ինչպե՞ս,— հանկարծ դիմեց նա իշխանին,— այդ ի՞նչ ձևով դուք (ապուշ,— ավելացրեց նա մտքում), հանկարծ այդպիսի վստահություն եք շահել, առաջին ծանոթությունից երկու ժամ հետո։ Ինչպե՞ս։

Նրա բոլոր տանջանքներին պակասում էր նախանձը։ Դա հանկարծ խայթեց նրա բուն սիրտը։

― Այդ արդեն չեմ կարող ձեզ բացատրել,— պատասխանեց իշխանը։

Գանյան չարությամբ նայեց նրան։

— Արդյոք նա ձեզ սեղանատուն կանչեց, որ իր վստահությո՞ւնը նվիրեր։ Չէ՞ որ նա ուզում էր ձեզ մի բան նվիրել։

— Ես միայն այդպես կարող եմ հասկանալ, ոչ այլ կերպ։

— Բայց ինչի՞ համար, սատանան տանի։ Գուք ի՞նչ մի բան արիք այնտեղ։ Ինչո՞վ դուր եկաք։ Լսեցեք,— անասելի իրար էր անցել նա (այդ րոպեին նրա մեջ ամեն ինչ մի տեսակ ցաք ու ցրիվ էր եկել և անկանոն եռ էր գալիս, այնպես, որ նա նույնիսկ չէր կարող մտքերը ժողովել),— լսեցեք, գոնե չե՞ք կարող մի կերպ հիշել ու հերթով հասկանալ, թե հենց ինչի մասին էիք խոսում այնտեղ, բոլոր բառերը, ամենասկզբից։ Որևէ բան չնկատեցի՞ք արդյոք, չե՞ք հիշի։

— Օ, շատ լավ կարող եմ,— պատասխանեց իշխանը,— ամենից առաջ, երբ ես մտա և ծանոթացա, մենք սկսեցինք խոսել Շվեյցարիայի մասին։

— Դե, գրողի ծոցը Շվեյցարիան։

— Հետո մահապատժի մասին։

— Մահապատժի՞ մասին։

— Այո... մի առիթով... հետո ես նրանց պատմեցի, թե երեք տարի ինչպես էի ապրում այնտեղ, և մի պատմություն արի մի թշվառ գեղջկուհու մասին...

— Գրողի ծոցը թշվառ գեղջկուհին։ Հետո՞,— անհամբերությունից իրեն ուտում էր Գանյան։

— Հետո, թե ինչպես Շնեյդերը իր կարծիքն ասաց իմ բնավորության մասին և ինձ հարկադրեց...

— Գետինը մտնի Շնեյդերը և թքած նրա կարծիքի վրա։ Հետո՞։

— Հետո մի առիթով ես սկսեցի խոսել դեմքերի մասին, այսինքն՝ դեմքերի արտահայտությունների մասին, և ասացի, որ Ագլայա Իվանովնան գրեթե նույնքան գեղեցիկ է, որքան Նաստասյա Ֆիլիպովնան։ Ահա հենց այստեղ էր, որ խոսք թռցրի պատկերի մասին...

— Բայց դուք չկրկնեցիք, չէ՞ որ չկրկնեցիք այն, ինչ քիչ առաջ լսել էիք կաբինետում։ Ո՞չ։ Ո՞չ։

— Կրկնում եմ ձեզ, որ՝ ոչ։

— Հապա որտեղի՞ց, գրողը տանի... Վա՛հ։ Ագլայան տոմսակը հո ցույց չտվե՞ց պառավին։

— Դրան կարող եմ ձեզ լիովին երաշխավորել, որ ցույց չի տվել։ Ես ամբողջ ժամանակ այդտեղ էի, և ժամանակ էլ չունեցավ։

— Կարող է պատահել դուք ինքներդ չեք նկատել որևէ բան... Օ, ա֊նիծ֊վա՛ծ ապուշ,― բացականչեց նա արդեն բոլորովին ինքն իրեն կորցրած,— կարգին պատմել էլ չի կարող։

Գանյան, մի անգամ սկսելով հայհոյել և՝ դիմադրության չհանդիպելով, կամաց֊կամաց կորցրեց ամենայն զսպվածություն, ինչպես դա միշտ լինում է ոմանց մոտ։ Եվս մի քիչ, և գուցե սկսեր թքել, այն աստիճան կատաղած էր։ Բայց հենց այդ կատաղության պատճառով էլ նա կուրացել էր, այլապես վաղուց ուշադրություն դարձրած կլիներ, որ այդ «ապուշը», որին նա այդպես քամահրում էր, երբեմն նույնիսկ խիստ արագ ու նրբորեն է կարողանում ամեն ինչ հասկանալ և չափազանց հաջող է հազորդում։ Բայց հանկարծ մի անսպասելի բան պատահեց։

— Պետք է նկատեմ ձեզ, Գավրիլա Արդալիոնովիչ,― հանկարծ ասաց իշխանը,— որ առաջ իրոք ես այնպես անառողջ էի, որ իսկապես էլ համարյա ապուշ էի, բայց հիմա ես վաղուց եմ առողջացել, ուստի ինձ համար մի քիչ տհաճ է, երբ ինձ ապուշ են անվանում երեսիս։ Թեև ձեզ կարելի է ներել, նկատի ունենալով ձեր ձախորդությունները, բայց զայրույթի պահին դուք մի երկու անգամ ինձ հայհոյեցիք։ Ես այդ բոլորովին չեմ ուզում, մանավանդ այսպես, անսպասելի, ինչպես դուք, առաջին իսկ պահից, և քանի որ հիմա մենք կանգնած ենք խաչմերուկում, ապա լավ չէ՞ր լինի, եթե մենք բաժանվեինք. դուք կգնաք դեպի աջ, ձեր տուն, իսկ ես դեպի ձախ։ Ես քսանհինգ ռուբլի ունեմ, և հավանաբար որևէ օթել֊գարնի կճարեմ։

Գանյան սարսափելի շփոթվեց և նույնիսկ կարմրեց ամոթից։

— Ներեցեք, իշխան,— տաք-տաք բացականչեց նա, իր հայհոյական եղանակը հանկարծ փոխելով չափազանց քաղաքավարության,— ի սեր աստծու, ներեցեք։ Տեսնո՞ւմ եք, ինչ դժբախտության մեջ եմ ես։ Դուք դեռ համարյա ոչինչ չգիտեք, բայց եթե ամեն ինչ գիտենայիք, հավանաբար գոնե մի քիչ կներեիք ինձ, թեև, հասկանալի է, ես աններելի եմ...

— Օ, ինձ պետք էլ չեն այդքան մեծ ներողություններ,— շտապեց պատասխանել իշխանը։ — Ես հասկանում եմ, որ ձեզ համար շատ տհաճ է, դրա համար էլ հայհոյում եք։ Դե, գնանք ձեր տուն։ Ես բավականությամբ...

«Ոչ, սրան հիմա այսպես բաց թողնել անկարելի է,— ինքն իր մեջ մտածում էր Գանյան, ճանապարհին չարությամբ նայելով իշխանին,— այս խորամանկը ինձնից դուրս քաշեց ամեն ինչ, իսկ հետո հանկարծ դիմակը հանեց․․․ Դա մի բան նշանակում է։ Այ, կտեսնենք։ Ամեն ինչ կլուծվի, ամեն, ամեն ինչ։ Հենց այսօր»։

Նրանք արդեն կանգնած էին հենց տան մոտ։

VIII

Գանեչկայի բնակարանը գտնվում էր երրորդ հարկում, դեպի որը տանում էր մի շատ մաքուր, լուսավոր ու ընդարձակ սանդուղք, և բաղկացած էր վեց-յոթ մեծ ու փոքր, ի դեպ, բոլորովին սովորական սենյակներից, որոնք սակայն նույնիսկ երկու հազար ռուբլի ռոճիկ ստացող ընտանիքավոր չինովնիկի հնարավորություններից վեր էին։ Բայց այդ բնակարանը նախատեսված էր սպասավորով ու ճաշով հանդերձ վարձու կենվորների տալու համար, և Գանյան ու իր ընտանիքր դա զբաղեցրել էին ոչ ավելի, քան երկու ամիս առաջ, ի մեծ տհաճություն Գանյայի, սակայն Նինա Ալեքսանդրովնայի և Վարվառա Արդալիոնովնայի պնդումով ու խնդրանքներով, որոնք ցանկացել էին իրենց հերթին օգտակար լինել և գեթ որևէ չափով ավելացնել ընտանիքի եկամուտները։ Գանյան խոժոռվում էր և կենվորներ պահելը անվանում խայտառակություն. դրանից հետո նա կարծես ամաչում էր այն հասարակության մեջ, ուր նա սովոր էր հայտնվել որպես որոշ փայլ ու ապագա ունեցող երիտասարդ։ Այդ բոլոր զիջումները ճակատագրին և այդ ամբողջ զայրացուցիչ նեղվածքը, այդ ամենը նրա հոգու խոր վերքերն էին։ Որոշ ժամանակից ի վեր նա սկսել էր ամեն մանրուքից անսահման ու չափից ավելի գրգռվել, և եթե համաձայնում էր առժամանակ զիջել ու համբերել, ապա միայն նրա համար, որ ինքն արդեն որոշել էր այդ ամենը փոխել ու վերակառուցել ամենակարճ ժամանակում։ Այնինչ բուն այդ փոփոխությունը, բուն այդ ելքը, որի վրա նա կանգ էր առել, փոքր խնդիր չէր, այնպիսի խնդիր, որի առաջիկա լուծումը սպառնում էր շատ ավելի գլխացավանք պատճառել և շատ ավելի տանջալից լինել, քան դրան նախորդող ամեն ինչ։

Բնակարանը բաժանում էր միջանցքը, որն սկսվում էր ուղղակի նախասենյակից։ Միջանցքի մի կողմում գտնվում էին այն երեք սենյակները, որոնք հատկացված էին «հատուկ հանձնարարականներով» կենվորների վարձով տալու համար. բացի այդ, միջանցքի նույն կողմում, ամենածայրին, խոհանոցի մոտ, գտնվում էր մյուս բոլորից ավելի փոքր մի չորրորդ սենյակ ևս, ուր տեղավորված էր պաշտոնաթող գեներալ Իվոլգինն ինքը, ընտանիքի հայրը և քնում էր մի լայն բազմոցի վրա, իսկ բնակարանից ելումուտ անել պարտավոր էր խոզանոցի միջով ու ետնասանդուղքով։ Այդ նույն սենյակում էր տեղավորված նաև Գավրիլա Արդալիոնովիչի տասներեքամյա եղբայրը, գիմնազիստ Կոլյան. նրան էլ նախորոշված էր նեղվել այդտեղ, դասերը պատրաստել, քնել մի ուրիշ, շատ հին, նեղ ու կարճ բազմոցի վրա, մաշված սավանով, և, որ գլխավորն է, խնամել ու հսկել հորը, որը գնալով ավելի ու ավելի անկարող էր առանց դրա յոլա գնալ։ Իշխանին հատկացրին երեք սենյակից մեջտեղինը. աջ կողմից առաջին սենյակում տեղավորվել էր Ֆերդիշչենկոն, իսկ ձախ կողմինը՝ երրորդ սենյակը, դեռ դատարկ էր։ Բայց Գանյան իշխանին ամենից առաջ տարավ ընտանեկան հարկաբաժինը։ Այդ ընտանեկան հարկաբաժինը բաղկացած էր դահլիճից, որն անհրաժեշտության դեպքում դառնում էր սեղանատուն, հյուրասենյակից, որը, ի դեպ, հյուրասենյակ էր միայն առավոտները, իսկ երեկոյան դառնում էր Գանյայի առանձնասենյակն ու ննջարանը և, վերջապես, նեղվածք ու միշտ փակ երրորդ սենյակից, դա Նինա Ալեքսանդրովնայի ու Վարվառա Արդալիոնովնայի ննջարանն էր։ Մի խոսքով, այդ բնակարանում ամեն ինչ խռնված ու նեղված էր․ Գանյան մտքում միայն ատամներն էր կրճտացնում, նա թեև ուզում էր հարգալիր լինել և հարգալիր էր դեպի մայրը, բայց առաջին իսկ քայլից կարելի էր նկատել, որ նա մեծ բռնակալ է ընտանիքում։

Նինա Ալեքսանդրովնան հյուրասենյակում մենակ չէր. նրա հետ նստած էր Վարվառա Արդալիոնովնան. նրանք երկուսն էլ զբաղված էին ինչ-որ բան գործելով և զրուցում էին հյուրի՝ Իվան Պետրովիչ Պտիցինի հետ։ Նինա Ալեքսանդրովնան երևում էր մոտ հիսուն տարեկան, նիհար, սմքած երեսով և աչքերի տակ սաստիկ սևությամբ։ Նա հիվանդոտ և փոքր֊ինչ վշտաբեկ տեսք ուներ, բայց նրա դեմքն ու հայացքը բավական հաճելի էին. առաջին իսկ բառերից հայտնի էր դառնում լուրջ և իսկական արժանապատվությամբ չի բնավորությունը։ Չնայած վշտաբեկ տեսքին, նրա մեջ նախազգացվում էր հաստատակամություն և նույնիսկ վճռականություն։ Նա հագնված էր չափազանց համեստ, ինչ֊որ մուգ գույնի զգեստ, և բոլորովին պառավի պես, բայց նրա խոսելաձևը, ամբողջ շարժուձևը ցույց էին տալիս, որ նա ավելի լավ միջավայր տեսած կին է։

Վարվառա Արդալիոնովնան մոտ քսաներեք տարեկան օրիորդ էր, միջահասակ, բավական նիհարիկ, չէ թե շատ գեղեցիկ, բայց առանց գեղեցկության դուր գալու և իրենով կրքոտ կերպով հրապուրելու գաղտնիք պարունակող դեմքով։ Նա շատ նման էր մորը, նույնիսկ հագնված էր գրեթե մոր նման, զուգվելու ցանկության կատարյալ բացակայության պատճառով։ Նրա գորշ աչքերի հայացքը երբեմն կարող էր լինել շատ զվարթ ու քնքուշ, եթե ավելի հաճախ չլիներ լուրջ ու մտախոհ, երբեմն նույնիսկ չափազանց լուրջ, հատկապես վերջին ժամանակները։ Հաստատակամություն ու վճռականություն երևում էին նաև նրա դեմքին, բայց զգացվում էր, որ նրա հաստատակամությունը կարող էր նույնիսկ ավելի եռանդուն ու նախաձեռնող լինել, քան մորինը։ Վարվառա Արդալիոնովնան բավականին դյուրաբորբոք էր, և եղբայրը երբեմն նույնիսկ մի քիչ վախենում էր այդ դյուրաբորբոքությունից։ Դրանից մի քիչ վախենում էր նաև այժմ նրանց մոտ նստած հյուրը, Իվան Պետրովիչ Պտիցինը։ Դա դեռ բավականին երիտասարդ, մոտ երեսուն տարեկան մարդ էր, համեստ, բայց նրբագեղ հագնված, հաճելի, բայց մի տեսակ չափից ավելի ծանրաբարո շարժուձևհրով։ Մուգ խարտյաշ մորուքը ցույց էր տալիս, որ նա պաշտոնական զբաղմունքի տեր չի։ Նա կարողանում էր խելացի և հետաքրքիր խոսել, բայց ավելի հաճախ լռակյաց էր։ Ընդհանուր առմամբ նա նույնիսկ հաճելի տպավորություն էր գործում։ Ըստ երևույթին նա անտարբեր չէր դեպի Վարվառա Արդալիոնովնան և չէր թաքցնում իր զգացմունքները։ Վարվառա Արդալիոնովնան նրան բարեկամաբար էր վերաբերվում, բայց նրա որոշ հարցերին դեռևս հապաղում էր պատասխան տալ, նույնիսկ չէր սիրում դրանք․ Պտիցինն, ասենք, ամենևին էլ վհատած չէր։ Նինա Ալեքսանդրովնան նրա հետ սիրալիր էր, իսկ վերջին ժամանակներս նույնիսկ սկսել էր շատ բան վստահել։ Հայտնի է, ի դեպ, որ նա հատուկ զբաղվում է փող վաստակելով, համեմատաբար վստահելի գրավականով շահով դրամ տալով։ Գանյայի հետ նա արտակարգ մտերիմ էր։

Ի պատասխան Գանյայի հանգամանալից, բայը կցկտուր հանձնարարականի (որը չափազանց չոր բարևեց մորը, բոլորովին չբարևեց քրոջը և անմիջապես Պտիցինին սենյակից դուրս տարավ)՝ նինա Ալեքսանդրովնան իշխանին մի քանի սիրալիր խոսք ասաց և դռնից ներս նայող Կոլյային պատվիրեց, որ նրան առաջնորդի մեջտեղի սենյակը։ Կոլյան զվարթ ու բավական հաճելի դեմքով տղա էր, դյուրահավատ ու պարզասիրտ մաներայով։

— Իսկ ո՞ւր է ձեր բեռը,— հարցրեց նա, իշխանին սենյակ տանելով։

— Ես մի կապոց ունեմ, նախասենյակում եմ թողել։

— Ես հիմա կբերեմ։ Մեր սպասավորները՝ ընդամենը խոհարարուհին ու Մատրյոնան են, այնպես որ ես էլ եմ օգնում։ Վարյան հսկում է ամեն ինչի վրա և բարկանում։ Գանյան ասում է, թե դուք այսօր Շվեյցարիայի՞ց եք ժամանել։

— Այո։

— Իսկ Շվեյցարիայում լա՞վ է։

— Շատ։

— Լեռնե՞ր են։

— Այո։

— Ես հիմա ձեր կապոցները կբերեմ։

Ներս մտավ Վարվառա Արդալիոնովնան։

— Հիմա Մատրյոնան ձեր անկողնու սպիտակեղենը կփռի։ Դուք ճամպրո՞ւկ ունեք։

— Ոչ, կապոց։ Ձեր եղբայրը գնաց բերելու, նախասենյակում է։

— Այնտեղ ոչ մի կապոց չկա, բացի այս պստլիկ կապոցից, դուք ո՞ւր եք դրել,— հարցրեց Կոլյան, կրկին սենյակ վերադառնալով։

— Բացի դրանից, ոչ մի կապոց էլ չկա,— ազդարարեց իշխանը, ընդունելով իր կապոցը։

— Ա֊ա՜, իսկ ես մտածում էի, թե Ֆերդիշչենկոն հո չի թռցրել։

— Դատարկ բաներ մի դուրս տա,— խստորեն ասաց Վարյան, որն իշխանի հետ էլ խոսում էր չափազանց չոր և այնքան միայն, որ քաղաքավարի էր։

— Chère Babette[5], ինձ հետ կարելի է և ավելի քնքուշ վարվել, չէ՞ որ ես Պտիցինը չեմ։

— Քեզ դեռ ծեծել կարելի է, Կոլյա, դեռ այնքան հիմար ես դու։ Ինչի կարիք որ ունենաք, կարող եք դիմել Մատրյոնային, ճաշում ենք հինգի կեսին։ Կարող եք ճաշել մեզ հետ միասին, կարող եք և ձեր սենյակում, ինչպես կուզենաք։ Գնանք, Կոլյա, մի խանգարիր նրան։

— Գնա՛նք, վճռական բնավորություն։

Դուրս դալիս նրանք դեմդիմաց դիպան Գանյային։

— Հայրս տա՞նն է,— հարցրեց Գանյան Կոլյային, և Կոլյայի հաստատական պատասխանի վրա ինչ-որ բան շշնջաց նրա ականջին։

Կոլյան գլխով արավ ու գնաց Վարվառա Արդալիոնովնայի հետևից։

— Երկու խոսք, իշխան, որ մոռացա ձեզ ասել, այդ... գործերի հետևից ընկած։ Որոշ խնդիրք ունեմ. շնորհ արեք, եթե միայն դա ձեզ այնքան էլ դժվար չի լինի. չշաղակրատեք ոչ այստեղ, ինչ որ հիմա այնտեղ պատահեց իմ և Ագլայայի միջև, ոչ այնտեղ, ինչ որ այստեղ կգտնեք, որովհետև այստեղ էլ բավականաչափ այլանդակություն կա։ Ասենք, գրողի ծոցը․․․ Բայց գոնե այսօր զսպեցեք ձեզ։

— Բայց հավատացնում եմ ձեզ, որ ես շատ ավելի քիչ եմ շաղակրատել, քան դուք կարծում եք,— ասաց իշխանը քիչ գրգռված Գանյայի կշտամբանքից։ Նրանց հարաբերությունները նկատելիորեն ավելի ու ավելի վատանում էին։

— Դե, ես այսօր արդեն բավական տհաճություն կրեցի ձեր պատճառով։ Մի խոսքով, ես ձեզ խնդրում եմ։

— Այս էլ նկատեցեք, Գավրիլա Արդալիոնովիչ, ես այն ժամանակ ինչո՞վ էի կապված և ինչո՞ւ չէի կարող հիշատակել պատկերի մասին։ Չէ որ ինձ չէիք խնդրել։

— Թո՛ւ, ինչ վատ սենյակ է,— նկատեց Գանյան,— արհամարհաբար շուրջը նայելով,— մութ է և լուսամուտները դեպի բակն են նայում։ Բոլոր տեսակետներից դուք անժամանակ եք եկել մեզ մոտ․․․ Բայց դա իմ գործը չէ, բնակարանները ես չեմ պահում։

Պտիցինը ներս նայեց ու կանչեց Գանյային. սա արագ թողեց իշխանին ու դուրս եկավ, չնայած նրան, որ ուզում էր էլի ինչ֊որ բան ասել, բայց ըստ երևույթին տատանվում էր և կարծես ամաչում էր սկսել, և սենյակն էլ փնովեց, նույնիսկ կարծես թե ամաչելով։

Նոր էր իշխանը լվացվել և քիչ թե շատ կարգի բերել զգեստը, դուռը կրկին բացվեց, և մի նոր դեմք հայտնվեց։

Դա մի երեսուն տարեկան պարոն էր, բավական բարձրահասակ, լայնաթիկունք, հսկայական գանգրահեր, կարմրաշեկ գլխով։ Նրա դեմքը մսեղ ու կարմիր էր, շրթունքները հաստ, քիթը լայն ու ճապաղած, աչքերը մանր, ճարպակալած ու ծաղրոտ, կարծես անընդհատ աչքով էր անում։ Այդ ամենը ամբողջովին վերցրած բավական լրբենի տեսք ուներ։ Նա հագնված էր փոքր֊ինչ կեղտոտ։

Նա սկզբում դուռը բացեց ճիշտ այնքան, որ գլուխը ներս խոթեր։ Ներս խոթված գլուխը մոտ հինգ րոպե զննում էր սենյակը, հետո դուռը սկսեց դանդաղ բացվել, ամբողջ կերպարանքը գծագրվեց շեմքին, բայց հյուրը դեռևս ներս չէր մտնում, այլ աչքերը կկոցած՝ շարունակում էր շեմքից զննել իշխանին։ Վերջապես, դուռը իր հետևից ծածկելով, մոտեցավ, նստեց աթոռին, ամուր բռնեց իշխանի ձեռքը և նրան շեղակի նստեցրեց բազմոցին։

— Ֆերդիշչենկո,— ասաց նա, սևեռուն ու հարցական նայելով իշխանի դեմքին։

— Հետո՞ ինչ,— պատասխանեց իշխանը գրեթե ծիծաղելով։

— Կենվոր եմ,— կրկին ասաը Ֆերդիշչենկոն, առաջվա պես նայելով։

— Ուզում եք ծանոթանա՞լ։

— Է֊է՜խ,— ասաց հյուրը մազերը գզգզելով ու հառաչելով, և սկսեց նայել դիմացի անկյունը։— Փող ունե՞ք,— հանկարծ հարցրեց նա, դիմելով իշխանին։

― Մի քիչ։

— Այսինքն՝ ինչքա՞ն։

— Քսանհինգ ռուբլի։

— Ցույց տվեք։

Իշխանը ժիլետի գրպանից հանեց քսանհինգ ռուբլիանոց դրամը և տվեց Ֆերղիշչենկոյին։ Սա ծալած թղթադրամը բացեց, նայեց, հետո շուռ տվեց մյուս կողմը, հետո բռնեց լույսի դիմաց։

— Բավական տարօրինակ է,— ասաց նա կարծես մտքի ծովն ընկած,— ինչի՞ պիտի գորշ դարչնագույն դառնա։ Այս քսանհինգ ռուբլիանոցները երբեմն սաստիկ գորշանում են, իսկ մի մասն էլ, ընդհակառակը, բոլորովին խունանում են։ Վերցրեք։

Իշխանն իր թղթադրամը ետ վերցրեց։ Ֆերդիշչենկոն աթոռից վեր կացավ։

— Ես եկա ձեզ նախազգուշացնելու, նախ և առաջ ինձ փող պարտք չտաք, որովհետև անպայման կխնդրեմ։

— Լավ։

— Դուք մտադի՞ր եք այստեղ վճարելու։

— Մտադիր եմ։

— Իսկ ես մտադիր չեմ. շնորհակալություն։ Ես այստեղ ձեզնից աջ՝ առաջին դուռն եմ, տեսե՞լ եք։ Աշխատեցեք ինձ մոտ այնքան էլ հաճախ շնորհ չբերել. ես ձեզ մոտ կգամ, մի անհանգստացեք։ Գեներալին տեսե՞լ եք։

— Ոչ։

— Եվ չե՞ք լսել։

— Իհարկե, ոչ։

— Դե, ուրեմն կտեսնեք ու կլսեք, այն էլ ասեմ, որ նա նույնիսկ ինձնի՜ց փող է պարտք խնդրում։ Avis au lecteur[6]։ Մնաք բարով։ Մի՞թե կարելի է ապրել Ֆերդիշչենկո ազգանունով։ Հը՞։

— Իսկ ինչո՞ւ չէ։

— Մնաք բարով։

Եվ նա գնաց դեպի դուռը։ Իշխանը հետո իմացավ, որ այդ պարոնը կարծես թե իր առաջ խնդիր էր դրել բոլորին զարմացնել յուրօրինակությամբ և ուրախ բնավորությամբ, բայց դա նրան երբեք չէր հաջողվում։ Ոմանց վրա նա նույնիսկ տհաճ տպավորություն էր գործում, որի համար վշտանում էր, բայց և այնպես իր խնդրից չէր հրաժարվում։ Նրան կարծես հաջողվեց իր գործը շտկել, դռան մեջ ընդհարվելով ներս մտնող մի պարոնի հետ. այդ նոր և իշխանին անծանոթ հյուրին սենյակ թողնելով, նրա հետևից մի քանի անգամ աչքով արավ, նախազգուշացնելով իշխանին ու այդպիսով, այնուամենայնիվ, հեռացավ ոչ առանց ապլոմբի։

Նոր պարոնը բարձրահասակ էր, մոտ հիսունհինգ տարեկան, գուցե և ավելի, բավականին դեր, խիտ ալեխառն այտամորուսներով շրջանակված կարմրաբոսոր, մսեղ ու թոռոմած դեմքով, բեղավոր էր, խոշոր, բավականին դուրս պրծած աչքերով։ Կազմվածքը բավական հոյատեսիլ կլիներ, եթե նրանում ինչ֊որ ընկած, մաշված, նույնիսկ կեղտոտված բան չլիներ։ Նա հագել էր մի հին սերթուկ, համարյա քրքրված արմունկներով, սպիտակեղենը նույնպես աղտոտված էր, տնավարի։ Մոտիկից մի քիչ օղու հոտ էր փչում նրանից, բայց մաներան տպավորիչ էր, փոքր֊ինչ սերտած և արժանապատվությամբ զարմացնելու նկատելի ցանկությամբ։ Պարոնը մոտեցավ իշխանին, անշտապ, սիրալիր ժպիտով, լուռ բռնեց նրա ձեռքը և, պահելով իր ձեռքում, միառժամանակ ուշադիր նայում էր նրա դեմքին, կարծես ճանաչելով ծանոթ դիմագծերը։

— Նա՜ է։ Նա՜ է,— կամացուկ, բայց հանդիսավոր ասաց նա։— Կարծես ողջ լինի։ Լսում եմ՝ կրկնում են ծանոթ ու թանկագին մի անուն, և մտաբերեցի անդառնալի անցյալը․․․ Իշխան Մի՞շկին...

— Ճիշտ այդպես։

— Գեներալ Իվոլգին, պաշտոնաթող և դժբախտ։ Ձեր անունն ու հայրանունը, համարձակվում եմ հարցնել։

— Լև Նիկոլաևիչ։

— Այդպես, այդպե՜ս։ Իմ բարեկամի, կարելի է ասել մանկության ընկերոջ, Նիկոլայ Պետրովիչի որդին։

— Իմ հոր անունը Նիկոլայ Լվովիչ էր։

— Լվովիչ,— խոսքն ուղղեց գեներալը, բայց առանց շտապելու, այլ լիակատար վստահությա մբ, կարծես նա ամենևին էլ չէր մոռացել, այլ միայն հանկարծ սխալվեց։ Նա նստեց և, նույնպես իշխանի ձեռքից բռնելով, նստեցրեց իր կողքին։― Ես ձեզ ձեռքերիս վրա եմ ման ածել։

— Մի՞թե,— հարցրեց իշխանը,― իմ հայրը արդեն քսան տարի է, ինչ մեռել է։

— Այո, քսան տարի, քսան տարի և երեք ամիս։ Միասին ենք սովորել, ես ուղղակի զինվորական...

— Այո, հայրս էլ է զինվորական եղել, պոդպորուչիկ էր Վասիլևյան գնդում։

— Բելոմորյան։ Բելոմորյան գունդ փոխադրվելը տեղի ունեցավ գրեթե մահվան նախօրեին։ Ես կանգնած էի կողքին և օրհնեցի նրան ի հավիտենություն։ Ձեր մայրիկը...

Գեներալը կանգ առավ, կարծես տխուր հիշողությունից մղված։

— Նա էլ կես տարի անց մեռավ մրսելուց,— ասաց իշխանը։

— Մրսելուց չէր։ Մրսելուց չէր, հավատացեք ծերուկիս։ Ես այնտեղ էի, ես նրան էլ եմ թաղել։ Իր իշխանին կորցնելու վշտից և ոչ թե մրսելուց։ Այո, հիշում եմ նաև իշխանուհուն։ Ջահելությո՜ւն։ Նրա պատճառով ես ու իշխանը, մանկության ընկերներ, քիչ մնաց իրար սպանեինք։

Իշխանն սկսել էր լսել որոշ թերահավատությամբ։

— Ես թունդ սիրահարված էի ձեր մայրիկին, երբ նա դեռևս հարսնացու էր, իմ ընկերոջ հարսնացուն։ Իշխանը նկատեց և ուղղակի շշմել էր։ Գալիս է առավոտյան ժամը յոթին ինձ մոտ, արթնացնում է։ Զարմացած հագնվում եմ, երկուստեք լռություն, ես ամեն ինչ հասկացա։ Գրպանից հանում է երկու ատրճանակ։ Թաշկինակի միջով։ Առանց վկաների։ Ինչի՞ համար են վկաները, երբ հինգ րոպե հետո իրար ուղարկում ենք հավիտենություն։ Ատրճանակները լցրինք, թաշկինակը ձգեցինք, կանգնեցինք, փոխադարձաբար ատրճանակները դրինք մեկմեկու սրտի և իրար երեսի էինք նայում։ Հանկարծ երկուսիս աչէերից էլ կարկուտի պես արցունքներ, ձեռքներս դողացին։ Երկուսինս էլ, երկուսինս էլ, միաժամանակ։ Դե, այստեղ, բնական է, գրկախառնություն և մեծահոգության փոխադարձ պայքար։ Իշխանը բղավում է՝ քո՜նն է։ Ես բղավում եմ՝ քո՜նն է։ Մի խոսքով․․․ մի խոսքով... դուք եկել եք մեզ մոտ․․․ ապրելո՞ւ։

— Այո, գուցե մի որոշ ժամանակ,— ասաց իշխանը կարծես մի քիչ կակազելով։

— Իշխան, մայրիկս ձեզ խնդրում է իր մոտ,— դռնից ներս նայելով բղավեց Կոլյան։ Իշխանը տեղից շարժվեց, որ գնա, բայց գեներալը աջ ափը դրեց նրա ուսին և մտերմաբար նրան կրկին թեքեց դեպի բազմոցը։

— Որպես ձեր հոր իսկական բարեկամը, ուզում եմ նախազգուշացնել,— ասաց գեներալը,— ես, ինչպես ինքներդ տեսնում եք, տուժել եմ, մի ողբերգական աղետից, բայց առանց դատի՜։ Առա՜նց դատի։ Նինա Ալեքսանդրովնան հազվագյուտ կին է։ Վարվառա Արդալիոնովնան, իմ աղջիկը հազվագյուտ դուստր։ Հանգամանքների բերումով վարձու բնակարաններ ենք պահում՝ անլուր անկո՜ւմ։ Ինձ, որ մնում էր գեներալ֊նահանգապետ լինել․․․ Բայց ձեզ համար մենք միշտ ուրախ ենք։ Այնինչ իմ տանը ողբերգություն կա։

Իշխանը նայում էր հարցական և մեծ հետաքրքրությամբ։

— Պատրաստվում է ամուսնություն, և հազվադեպ ամուսնություն։ Երկդիմի կնոջ և մի երիտասարդի, որը կարող էր կամեր֊յունկեր լինել։ Այդ կնոջը կբերեն մի տուն, որտեղ իմ աղջիկն է և իմ կինը։ Բայց քանի դեռ ես շնչում եմ, նա ներս չի մտնի։ Ես կպառկեմ շեմքին, և թող իմ վրայով անցնի... Գանյայի հետ ես հիմա գրեթե չեմ խոսում, նույնիսկ խուսափում եմ հանդիպելուց։ Ես ձեզ հատուկ զգուշացնում եմ. եթե մեր տանն ապրելու լինեք, միևնույն է, առանց այդ էլ վկա կլինեք։ Բայց դուք իմ ընկերոջ որդին եք, և ես իրավունք ունեմ հուսալու...

— Իշխան, շնորհ արեք, անցեք ինձ մոտ հյուրասենյակ,— կանչեց Նինա Ալեքսանդրովնան, որն արդեն ինքն էր հայտնվել դռան մոտ։

— Պատկերացրու, բարեկամս,— բղավեց գեներալը,— բանից դուրս է դալիս, որ ես իշխանին իմ ձեռների վրա եմ ման ածել։

Նինա Ալեքսանդրովնան կշտամբալից նայեց գեներալին և փորձող հայացքով՝ իշխանին, բայց ոչ մի խոսք չասաց։ Իշխանը գնաց նրա հետևից. բայց հենց նոր էին նրանք հյուրասենյակ եկել ու նստել, իսկ Նինա Ալեքսանդրովնան հենց նոր էր սկսել շատ շտապ և կիսաձայն ինչ֊որ բան հայտնել իշխանին, երբ հանկարծ գեներալն ինքը շնորհ բերեց հյուրասենյակ։ Նինա Ալեքսանդրովնան անմիջապես լռեց և նկատելի սրտնեղությամբ գլուխը թեքեց իր գործվածքի վրա։ Գեներալը գուցե և նկատեց այդ սրտնեղությունը, բայց շարունակում էր մնալ հիանալի տրամադրությամբ։

— Իմ ընկերոջ որդի՜ն է,— բացականչեց նա, դիմելով Նինա Ալեքսանդրովնային,— և այսպես անսպասելի՜։ Ես վաղուց արդեն դադարել էի նույնիսկ պատկերացնել։ Բայց, բարեկամս, մի՞թե դու չես հիշում հանգուցյալ Նիկոլայ Լվովիչին։ Դու դեռ նրան տեսար․․․ Տվերում։

— Ես չեմ հիշում Նիկոլայ Լվովիչին։ Դա ձեր հա՞յրն է,— հարցրեց նա իշխանին։

— Հայրս է, բայց նա մեռել է, կարծեմ, ոչ թե Տվերում, այլ Ելիսավետգրադում,— երկչոտ նկատեց իշխանը գեներալին։— Ես Պավլիշչևից եմ լսել․․․

— Տվերում,— պնդեց գեներալը,— մահվանից անմիջապես առաջ փոխադրեցին Տվեր, և նույնիսկ հիվանդությունը սաստկանալուց առաջ։ Դուք դեռ շատ փոքր էիք և չէիք կարող հիշել ոչ փոխադրումը, ոչ ճանապարհորդությունը, իսկ Պավլիշչևը կարող էր սխալվել, թեև սքանչելի մարդ էր։

— Դուք Պավլիշչևի՞ն էլ էիք ճանաչում։

— Հազվագյուտ մարդ էր, բայց ես անձամբ վկա եմ եղել։ Ես օրհնել եմ նրան մահվան մահճում...

— Չէ՞ որ իմ հայրը մեռել է դատի տակ լինելով,― նորից նկատեց իշխանը,— թեպետև ես երբեք չեմ կարողացել իմանալ, թե ինչի համար․ նա մեռել է հոսպիտալում։

— Օ, դա շարքային Կոլպակովի գործով էր և, անկասկած, իշխանը կարդարացվեր։

— Այդպե՞ս է։ Դուք հաստա՞տ դիտեք,— հարցրեց իշխանը առանձնահատուկ հետաքրքրությամբ։

— Հարկա՛վ,— բդավեց գեներալը։— Դատարանը ցրվեց առանց ոչինչ վճռելու։ Անհնար գործ էր։ Կարելի է ասել, նույնիսկ խորհրդավոր գործ էր. մեռնում է շտաբս-կապիտան Լարիոնովը, վաշտի հրամանատարը, իշխանը ժամանակավորապես նշանակվում է պաշտոնակատար, լավ։ Շարքային Կոլպակովը գողություն է անում,— կոշկակարական ապրանքներ՝ իր ընկերոջից,— և օղու տալիս, լավ։ Իշխանը,— և ուշադրություն դարձրեք, դա լինում է ֆելդֆեբելի և կապրալի ներկայությամբ,— խիստ հանդիմանում է Կոլպակովին և սպառնում է ճիպոտահարել։ Շատ լավ։ Կոլպակովը գնում է զորանոցները, պառկում է թախտին և քառորդ ժամ հետո մեռնում։ Հիանալի, բայց անսպասելի գրեթե անհնարին դեպք։ Այսպես թե այնպես, բայց Կոլպակովին թաղում են. իշխանը զեկուցում է, և ապա Կոլպակովին ցուցակներից հանում են։ Թվում է, դրանից լավ ի՞նչ պիտի լիներ։ Բայց ուղիղ կես տարի հետո, բրիգադային զորատեսի ժամանակ, շարքային Կոլպակովը, ասես ոչինչ պատահած չլիներ, հայտնվում է նույն բրիգադի և նույն դիվիզիայի՝ Նովոզեմլյանսկի հետևակ գնդի երկրորդ գումարտակի երրորդ վաշտում։

— Ինչպե՜ս,— բղավեց իշխանը, զարմանքից իրեն կորցրած։

— Դա այդպես չէ, դա սխալ է,— հանկարծ դարձավ իշխանին Նինա Ալեքսանդրովնան, գրեթե անձկությամբ նայելով նրան։ Mon mari se trompe[7]։

— Բայց բարեկամս, se trompe ասելը հեշտ է, բայց հապա ինքդ լուծիր նման դեպքը։ Բոլորը փակուղու առաջ կանգնեցին։ Ես առաջինը կասեի qu’on se trompe[8]։ Բայց, դժբախտաբար, ես վկա էի և ինքս մասնակցում էի հանձնաժողովին։ Բոլոր առերեսումները ցույց տվին, որ դա այն նույն, բոլորովին հենց այն նույն շարքային Կոլպակովն է, որը կես տարի առաջ թաղվել էր սովորական շքահանդեսով ու թմբկահարությամբ։ Իրոք հազվագյուտ, համարյա անհնարին դեպք է, համաձայն եմ, բայց...

— Հայրիկ, ձեզ համար սեղան են պատրաստել,— ազդարարեց Վարվառա Արդալիոնովնան, սենյակ մտնելով։

— Ա՜, դա հիանալի է, հրաշալի՜։ Ես էլ հենց քաղցել եմ... Բայց այդ դեպքը, կարելի է ասել, նույնիսկ հոգեբանական է...

— Սուպը նորից կսառչի,― անհամբերությամբ ասաց Վարյան։

— Իսկույն, իսկույն,― մրթմրթաց գեներալը, սենյակից դուրս գալով,— «և չնայած բոլոր տեղեկանքներին»,― դեռ լսվում էր միջանցքում։

— Դուք պետք է շատ բան ներեք Արդալիոն Ալեքսանդրովիչին, եթե մեզ մոտ մնալու լինեք,— ասաց Նինա Ալեքսանդրովնան իշխանին,― ասենք, նա ձեզ այնքան էլ չի անհանգստացնի․ նա ճաշում էլ է մենակ։ Համաձայնեցեք, ամեն ոք իր թերություններն ունի և իր... առանձնահատուկ գծերը, ուրիշները թերևս ավելի, քան նրանք, ում սովորել են մատով ցույց տալ։ Մի բան պիտի շատ խնդրեմ. եթե երբևէ ամուսինս ձեզ դիմի բնակարանի վարձի առիթով, նրան ասացեք, որ ինձ եք տվել։ Այսինքն՝ Արդալիոն Ալեքսանդրովիչին տվածն էլ կհաշվվեր, բայց սոսկ կարգուկանոնի համար խնդրում եմ ձեզ... Այդ ի՞նչ է, Վարյա։

Վարյան սենյակ վերադարձավ և լուռ մորը տվեց Նաստասյա Ֆիլիպովնայի պատկերը։ Նինա Ալեքսանդրովնան ցնցվեց և սկզբում կարծես թե վախեցած, իսկ հետո ճնշող դառն զգացմունքով որոշ ժամանակ դիտում էր այն։ Վերջապես հարցական նայեց Վարյային։

— Այսօր Գանյան նվեր է ստացել հենց նրանից,— ասաց Վարյան,— իսկ երեկոյան ամեն ինչ վճռվում է։

— Այսօր երեկոյան,― կարծես հուսահատությամբ կիսաձայն կրկնեց Նինա Ալեքսանդրովնան։— Էլ ինչ։ Այստեղ այլևս ոչ մի կասկած չկա և հույս էլ չի մնում, պատկերով ամեն ինչ ազդարարել է... Գանյան ի՞նքը քեզ ցույց տվեց, թե ինչպես,— ավելացրեց նա զարմանքով։

— Դուք գիտեք, որ արդեն մի ամիս է մենք համարյա մի խոսք չենք ասում իրար։ Պտիցինն ասաց ինձ ամեն ինչ, իսկ պատկերն այնտեղ, սեղանի մոտ արդեն հատակին էր գցած... ես բարձրացրի։

— Իշխան,— հանկարծ նրան դիմեց Նինա Ալեքսանդրովնան,— ես ուզում էի ձեզ հարցնել (իսկապես հենց դրա համար էլ խնդրեցի, որ այստեղ գաք), վաղո՞ւց եք ճանաչում իմ որդուն։ Նա ասում էր, կարծեմ, որ դուք այսօր եք եկել ինչ֊որ տեղից։

Իշխանը կարճառոտ բացատրություն տվեց իր մասին, մեծ մասը բաց թողնելով։ Նինա Ալեքսանդրովնան և Վարյան ականջ դրին։

— Ես ձեզնից խոսք դուրս չեմ քաշում Գավրիլա Արդալիոնովիչի մասին, ձեզ հարցուփորձ անելով,— նկատեց Նինա Ալեքսանդրովնան, դուք չպետք է սխալվեք այդ առթիվ։ Եթե որևէ բան կա, որ նա ինքը չի կարող խոստովանել, այդ բանը ես ինքս էլ չեմ ուղում իմանալ զարտուղի ճանապարհով։ Նրա համար եմ ասում, որ քիչ առաջ ձեր ներկայությամբ, իսկ հետո, երբ գնացիք, ձեր մասին տված իմ հարցին Գանյան պատասխանեց. «Նա ամեն ինչ գիտի, քաշվելու կարիք չկա»։ Դա ի՞նչ է նշանակում։ Այսինքն՝ ես կուզենայի իմանալ, ի՞նչ չափով․․․

Հանկարծ ներս մտան Գանյան և Պտիցինը․ Նինա Ալեքսանդրովնան իսկույն ձայնը կտրեց։ Իշխանը մնաց նրա կողքի աթոռին նստած, իսկ Վարյան մի կողմ քաշվեց. Նաստասյա Ֆիլիպովնայի պատկերը ընկած էր ամենաաչքի ընկնող տեղում, Նինա Ալեքսանդրովնայի գործասեղանի վրա, ուղիղ նրա առաջ։ Գանյան դա տեսնելով խոժոռվեց, սրտնեղած վերցրեց և նետեց սենյակի մյուս ծայրում դրած իր գրասեղանին։

— Այսօ՞ր, Գանյա,― հարցրեց հանկարծ Նինա Ալեքսանդրովնան։

— Ի՞նչը այսօր,— ցնցվեց Գանյան և հանկարծ հարձակվեց իշխանի վրա։— Ա՜, հասկանում եմ, դուք արդեն այստեղ էլ... Վերջապես սա ի՞նչ է, դուք այդպիսի հիվանդությո՞ւն ունեք։ Զսպել չե՞ք կարող ձեզ։ Դե վերջապես հասկացեք, ախր, ձերդ պայծառափայլություն...

— Այստեղ ես եմ մեղավոր, Գանյա, և ուրիշ ոչ ոք,— նրա խոսքը կտրեց Պտիցինը։

Գանյան հարցական նայեց նրան։

— Բայց ախր սա ավելի լավ է, Գանյա, մանավանդ որ մի կողմից էլ, գործն ավարտված է,— քրթմնջաց Պտիցինր և, մի կողմ քաշվելով, նստեց սեղանի մոտ, գրպանից մատիտով գրոտած մի թուղթ հանեց և սկսեց ուշադիր զննել։ Գանյան կանգնել էր մռայլված և անհանգստությամբ սպասում էր ընտանեկան տեսարանի։ Նրա մտքովն էլ չանցավ իշխանից ներողություն խնդրել։

— Եթե ամեն ինչ ավարտված է, ապա, իհարկե, Իվան Պետրովիչն իրավացի է,— ասաց Նինա Ալեքսանդրովնան,— մի խոժոռվիր, խնդրեմ, և մի գրգռվիր, Գանյա, ես ոչ մի բան չեմ հարցնի, ինչ որ ինքդ չես ուզում ասել, և հավատացնում եմ քեզ, որ լիովին հնազանդվել եմ, շնորհ, արա, մի անհանգստացիր։

Նա այդ ասաց առանց գործից կտրվելու և, կարծես, իրոք հանգիստ։ Գանյան զարմացած էր, բայց զգուշաբար լռում էր ու նայում էր մորը, սպասելով, որ նա ավելի պարզ արտահայտվի։ Ընտանեկան տեսարանները շատ թանկ էին նստում նրա վրա։ Նինա Ալեքսանդրովնան նկատեց այդ զգուշությունը և դառն ժպիտով ավելացրեց.

— Դու դեռ շարունակում ես կասկածել և ինձ չես հավատում, մի անհանգստացիր, չի լինի ոչ արցունք, ոչ խնդրանք, ինչպես առաջ էր, համենայն դեպս, իմ կողմից։ Իմ ամբողջ ցանկություն այն է, որ դու երջանիկ լինես, և դու այդ գիտես. ես հնազանդվել եմ ճակատագրին, բայց իմ սիրտը միշտ քեզ հետ կլինի, միասին մնանք, թե բաժանվենք։ Հասկանալի է, ես պատասխանատու եմ միայն իմ կողմից, դու չես կարող նույնը պահանջել քրոջիցդ․․․

— Ա՜, դարձյալ նա,— բղավեց Գանյան, ծաղրաբար ու ատելությամբ նայելով քրոջը։— Մայրիկ, երդվում եմ ձեզ կրկին, ինչ խոսք որ արդեն տվել եմ ձեզ, ոչ ոք և երբեք չի համարձակվի ձեզ անտեսել, քանի դեռ այստեղ եմ, քանի դեռ ողջ եմ։ Խոսքը ում մասին էլ որ լինի, ով էլ անցնելու լինի մեր շեմքը, ես կպնդեմ, որ լիակատար հարգանք լինի դեպի ձեզ։

Գանյան այնպես էր ուրախացել, որ դրեթե հաշտվողաբար, գրեթե քնքուշ նայում էր մորը։

— Ես երբեք էլ ինձ համար չեմ վախեցել որևէ բանից, Գանյա, դու գիտես. ես իմ մասին չէի անհանգստանում ու տանջվում այս ամբողջ ժամանակ։ Ասում են, այսօր ամեն ինչ վերջացնում եք։ Ի՞նչն եք վերջացնում։

— Այսօր երեկոյան, իր տանը, նա խոստացել է հայտարարել՝ համաձա՞յն է, թե ոչ,— պատասխանեց Գանյան։

— Մենք համարյա երեք շաբաթ խուսափում էինք այս մասին խոսելուց, և դա լավ էր։ Հիմա, երբ արդեն ամեն ինչ վերջացած է, ես միայն ինձ մի բան թույլ կտամ հարցնել, նա ինչպե՞ս կարող էր քեզ համաձայնություն տալ, նույնիսկ իր պատկերը նվիրել, երբ դու նրան չես սիրում։ Մի՞թե դու նրան, այդպիսի... այդպիսի․․․

— Դե, փորձված մեկի՞ն, թե ինչ։

— Ես այդ չէի ուզում ասել։ Մի՞թե դու այդ աստիճան կարող էիր նրան խաբել։

Այդ հարցի մեջ հանկարծ արտասովոր գրգռվածություն լսվեց։ Գանյան մի քիչ կանգ առավ, րոպեաչափ մտածեց և, առանց թաքցնելու ծաղրանքը, ասաց.

— Դուք տարվեցիք, մայրիկ, և նորից չհամբերեցիք, և ահա միշտ այդպես էր ձեզ մոտ սկսվում ու բորբոքվում։ Դուք ասացիք՝ չեն լինի ոչ հարցուփորձ, ոչ կշտամբանքներ, իսկ դրանք արդեն սկսվեցին։ Լավ է՝ թողնենք, իսկապես, թողնենք, համենայն դեպս դուք մտադիր էիք․․․ Ես երբեք և ոչ մի գնով ձեզ չեմ լքի․ մեկ ուրիշը առնվազն կփախչեր այդպիսի քրոջից,― մի տեսե՛ք, հիմա նա ինչպես է նայում ինձ։ Սրանով վերջացնենք։ Ես արդեն այնպես ուրախացել էի... Եվ որտեղի՞ց գիտեք, թե ես խաբում եմ Նաստասյա Ֆիլիպովնային։ Իսկ ինչ վերաբերում է Վարյային, ինչպես կուզի, և՝ բավական է։ Դե, հիմա արդեն բոլորովին վերջ։

Գանյան գնալով տաքանում էր ամեն խոսքի հետ և աննպատակ քայլում սենյակում։ Այդպիսի խոսակցությունները անմիջապես դառնում էին ընտանիքի բոլոր անդամների ցավոտ տեղը։

— Ես ասել եմ, որ եթե նա այստեղ մտնի, ապա ես դուրս կգամ այստեղից և նույնպես խոսքս կկատարեմ,— ասաց Վարյան։

— Կամակորությունի՜ց,― բղավեց Գանյան։— Հենց կամակորությունից էլ չես ամուսնանում։ Ի՞նչ ես ինձ վրա փնչացնում։ Չէ՞ որ ինձ համար միևնույնն է, Վարվառա Արդալիոնովնա. կամենաք՝ հենց հիմա իրագործեք ձեր մտադրությունը։ Դուք արդեն իմ զահլան շատ եք տարել։ Ինչպե՜ս։ Դուք վերջապես սիրտ եք անում մեզ մենակ թողնել, իշխան,— բղավեց նա իշխանին, տեսնելով, որ սա տեղից վեր է կենում։

Գանյայի ձայնի մեջ արդեն լսվում էր այնպիսի գրգռվածություն, երբ մարդ համարյա ինքը ուրախ է այդ գրգռվածության համար, անզուսպ կերպով անձնատուր է լինում դրան համարյա աճող բավականությամբ, մինչև ուր էլ դա հասցնելու լինի։ Իշխանը դռան մեջ շուռ եկավ, որ մի բան պատասխանի, բայց իրեն վիրավորողի հիվանդագին դեմքից տեսնելով, որ այստեղ պակասում է միայն մի կաթիլ, որ անոթը բերնեբերան լցվի, շրջվեց ու լուռ դուրս եկավ։ Մի քանի րոպե անց հյուրասենյակից հասնող ձայներից հասկացավ, որ խոսակցությունը իր բացակայությամբ ավելի աղմկալի ու բացահայտ է դարձել։

Նա դահլիճով անցավ նախասենյակ, որպեսզի ընկներ միջանցք, իսկ այդտեղից՝ իր սենյակը։

Դեպի սանդուղք բացվող ելքի դռան մոտից անցնելով, նա լսեց ու նկատեց, որ դռան հետև մեկը ամբողջ ուժով ջանում է զանգը քաշել, բայց, ըստ երևույթին, գանգի մեջ մի բան փչացել էր, նա միայն հազիվհազ ցնցվում էր, բայց ձայն չէր հանում։ Իշխանը փակը հանեց, դուռը բաց արեց և զարմացած ընկրկեց, նույնիսկ ամբողջ մարմնով ցնցվեց, նրա առաջ կանգնած էր Նաստասյա Ֆիլիպովնան։ Իշխանն անմիջապես ճանաչեց նրան պատկերի շնորհիվ։ Նրա աչքերը փայլատակեցին զայրույթի բռնկումով, երբ տեսավ իշխանին, նա արագ մտավ նախասենյակ, ուսով ճանապարհից հրելով իշխանին, և մուշտակը վրայից հանելով, ցասկոտ ասաց.

— Եթե ալարում ես զանգակը սարքել, գոնե նախասենյակում նստեիր, երբ դուռը ծեծում են։ Ըհը, հիմա էլ մուշտակս ցած գցեց, դմբո՛։

Մուշտակն, իրոք, ընկած էր հատակին. Նաստասյա Ֆիլիպովնան, չսպասելով, որ իշխանը հաներ մուշաակը նրա վրայից, ինքը նետեց նրա ձեռքերին, առանց նայելու, հետևից, բայց իշխանը չհասցրեց բռնել։

— Քեզ վռնդել է պետք։ Գնա, զեկուցիր։

Իշխանն ուզեց մի բան ասել, բայց այն աստիճան շփոթվել էր, որ ոչինչ չասաց ու մուշտակը ձեռքին, որ բարձրացրել էր հատակից, գնաց հյուրասենյակ։

— Ըհը, հիմա էլ մուշտակը ձեռքի՜ն է գնում։ Մուշտա՞կն ինչու ես տանում։ Հա՜-հա՜֊հա՜։ Դու խելագա՞ր ես, ինչ է։

Իշխանը վերադարձավ և արձանացած նայում էր Նաստասյա Ֆիլիպովնային, երբ նա ծիծաղեց, ծիծաղեց նաև իշխանը, բայց դեռ չէր կարող լեզուն շարժել։ Առաջին վայրկյանին, երբ նրա առաջ դուռը բացեց, իշխանը գունատ էր, հիմա հանկարծ ամբողջ դեմքը շառագունեց։

― Այս ի՞նչ ապուշ է,— զայրացած բացականչեց Նաստասյա Ֆիլիպովնան, ոտքը դոփելով։— Դե ո՞ւր ես գնում։ Ո՞ւմ ես զեկուցելու։

— Նաստասյա Ֆիլիպովնա,— քրթմնջաց իշխանը։

— Դու ինձ որտեղի՞ց գիտես,— արագ հարցրեց Նաստասյա Ֆիլիպովնան իշխանին,— ես քեզ երբեք չեմ տեսել։ Գնա, զեկուցիր... այդ ի՞նչ բղավոց է այնտեղ։

— Կռվում են,— պատասխանեց իշխանն ու գնաց հյուրասենյակ։

Նա ներս մտավ բավական վճռական րոպեին․ Նինա Ալեքսանգրովնան արդեն պատրաստ էր բոլորովին մոռանալու, որ ինքը «ամեն ինչի հնազանդվել է». ի դեպ, նա պաշտպանում էր Վարյային։ Վարյայի կողքին կանգնել էր և Պտիցինը, արդեն մի կողմ թողած մատիտով գրոտած իր թղթիկը՝ Վարյան ինքն էլ չէր վեհերում, և առհասարակ վեհերոտներից չէր այդ օրիորդը, բայց եղբոր կոպտությունները գնալով ավելի անքաղաքավարի ու անտանելի էին դառնում։ Այդպիսի դեպքերում Վարյան սովորաբար դադարում էր խոսելուց և միայն լուռ, ծաղրաբար նայում էր եղբորը, աչքը նրանից չհեռացնելով։ Այդ մանևրը, ինչպես գիտեր, ընդունակ էր եղբորը հանել վերջին սահմաններից։ Հենց այդ րոպեին էր, որ իշխանը ոտքը դրեց սենյակ ու ազդարարեց.

— Նաստասյա Ֆիլի՜պովնան։

IX

Տիրեց ընդհանուր լռություն. բոլորը նայում էին իշխանին, կարծես չհասկանալով նրան և չուզելով հասկանալ։ Գանյան վախից քարացավ։

Նաստասյա Ֆիլիպովնայի գալուստը, և հատկապես այն րոպեին, բոլորի համար ամենատարօրինակ ու հոգսաշատ անսպասելիություն էր։ Հենց թեկուզ այն, որ Նաստասյա Ֆիլիպովնան շնորհ էր բերում առաջին անգամ, մինչև հիմա նա իրեն այնքան գոռոզ էր պահում, որ Գանյայի հետ խոսելիս նույնիսկ ցանկություն չէր հայտնում ծանոթանալու նրա հարազատների հետ, իսկ ամենավերջին ժամանակ նույնիսկ բոլորովին չէր հիշատակում նրանց մասին, կարծես նրանք գոյություն չունեին աշխարհի երեսին։ Գանյան թեև մասամբ ուրախ էր, որ հեռանում էր իրեն գլխացավանք պատճառող այդպիսի խոսակցությունը, բայց և այնպես նրա այդ գոռոզությունը իր սրտում հաշվի էր առել։ Համենայն դեպս նրանից սպասում էր ավելի շուտ ծաղր ու խայթոցներ իր ընտանիքի հասցեին, և ոչ թե այցելություն. նա հաստատ գիտեր, որ Նաստասյա Ֆիլիպովնային հայտնի է ամեն բան, ինչ տեղի է ունենում Գանյայի տանը նրա նշանդրեքի կապակցությամբ և այն, թե ինչ հայացքով են նայում Նաստասյա Ֆիլիպովնային Գանյայի հարազատները։ Նրա այցելությունը, _հիմա_, պատկերը ներելուց հետո և իր ծննդյան օրը, այն օրը, երբ նա խոստացել էր վճռել Գանյայի բախտը, նշանակում էր համարյա բուն այդ վճիռը։

Տարակուսանքը, որով բոլորը նայում կին իշխանին, երկար չտևեց. Նաստասյա Ֆիլիպովնան հյուրասենյակի դռանը հայտնվեց ինքը, և նորից, սենյակ մտնելիս, թեթևակի բոթեց իշխակին։

— Վերջապես հաջողվեց ներս մտնել... այդ ինչո՞ւ եք զանգակը կապում,— զվարթ ասաց նա, ձեռքը մեկնելով Գանյային, որը թափով նետվեց դեպի նա։— Այդ ինչո՞ւ է ձեր դեմքն այդպես այլայլված։ Դե, ծանոթաքրեք ինձ, խնդրեմ...

Գլուխը բոլորովին կորքրած՝ Գանյան նրան ներկայաքրեց նախ Վարյային, և երկու կանայք, նախքան ձեռք կմեկնեին միմյանց, տարօրինակ հայացքներ փոխանակեցին։ Նաստասյա Ֆիլիպովնան, ասենք, ծիծաղում էր և քողարկվում էր ուրախությամբ, բայց Վարյան չէր ուզում քողարկվել և նայում էր մռայլ ու անքթիթ, նույնիսկ ժպիտի նշույլ, որ արդեն պահանջում էր ուղղակի քաղաքավարությունը, չերևաց նրա դեմքին։ Գանյան քարաքավ. համոզելն արդեն ավելորդ էր և ժամանակ չկար, և նա Վարյայի վրա մի այնպիսի սպառնալից հայացք գքեց, որ սա այդ հայացքի ուժից հասկացավ, թե եղբոր համար ինչ արժեր այդ րոպեն։ Այստեղ նա, կարծես, որոշեց զիջել նրան և թեթևակի ժպտաց Նաստասյա Ֆիլիպովնային։ (Նրանք ընտանիքում բոլորը դեռևս շատ էին սիրում միմյանց)։ Գործը որոշ չափով շտկեց Նինա Ալեքսանդրովնան, որին Գանյան, վերջնականապես շփոթվելով, ներկայաքրեց քրոջից հետո և նույնիսկ առաջինը նրան մոտ տարավ Նաստասյա Ֆիլիպովնային։ Բայց հազիվ էր Նինա Ալեքսանդրովնան հասցրել իր «առանձնահատուկ բավականության» մասին սկսել, երբ Նաստասյա Ֆիլիպովնան, մինչև վերջ չլսելով նրան, արագ դարձավ Գանյային և, նստելով (դեռևս առանց հրավերի) լուսամուտի անկյունում դրած փոքրիկ բազմոցին, բաքականչեց.

— Իսկ ո՞ւր է ձեր կաբինետը։ Եվ... և ո՞ւր են կենվորները։ Չէ՞ որ դուք կենվորներ եք պահում։

Գանյան սարսափելի շիկնեց և կակազելով ինչ-որ բան ուզեց պատասխանել, բայց Նաստասյա Ֆիլիպովնան անմիջապես ավելացրեց.

― Որտե՞ղ կարելի է այստեղ կենվորներ պահել։ Դուք կաբինետ էլ չունեք, իսկ դա ձեռնատո՞ւ է,— հանկարծ դարձավ նա Նինա Ալեքսանդրովնային։

― Մի քիչ հոգսաշատ է,— պատասխանեց նա,— իհարկե, օգուտ պետք է լինի։ Ի դեպ, մենք դեռ նոր ենք...

Բայց Նաստասյա Ֆիլիպովնան արդեն նորից չէր լսում, նա նայում էր Գանյային, ծիծաղում ու բղավում նրան.

― Այդ ի՞նչ դեմք ունեք։ Օ, աստված իմ, ի՜նչ դեմք է այս րոպեիս ձեր դեմքը։

Անցավ այդ ծիծաղի մի քանի վայրկյանը, և Գանյայի դեմքն իրոք շատ աղավաղվեց. նրա փայտացումը, նրա կոմիկական, վեհերոտ շփոթվածությունը հանկարծ չքացավ, բայց նա սարսափելի գունատվեց, շրթունքները ջղաձգությունից ծռմռվեցին, նա լուռ, սևեռուն ու վատ հայացքով, անքթիթ նայում էր իր հյուրի երեսին, որը շարունակում էր ծիծաղել։

Այստեղ մի ուրիշ դիտող էլ կար, որը Նաստասյա Ֆիլիպովնային տեսնելով, նույնպես դեռ չէր սթափվել իր համարյա քպրացած վիճակից, բայց նա թեև «գերանի պես» տնկված էր իր առաջվա տեղում, հյուրասենյակի դռան մեջ, այնուամենայնիվ կարողացավ նկատել Գանյայի դալկությունն ու դեմքի չարորակ փոփոխությունը։ Այդ դիտորդը իշխանն էր։ Համարյա վախեցած, նա հանկարծ մեքենայորեն առաջ շարժվեց։

— Ջուր խմեցեք,— շշնջաց նա Գանյային։— Եվ այդպես մի նայեք...

Երևում էր, որ նա այդ ասաց առանց որևէ հաշվի, առանց որևէ հատուկ մտքի, առաջին մղումով, բայց նրա բառերը արտակարգ ազդեցություն գործեցին։ Թվում է, Գանյայի ողջ զայրույթը հանկարծ շուռ եկավ իշխանի վրա. նա բռնեց իշխանի ուսը և նայում էր նրան լուռ, քինոտ ու ատելությամբ, կարծես անկարող մի բառ արտասանելու։ Ընդհանուր հուզում առաջացավ, Նինա Ալեքսանդրովնան նույնիսկ թեթևակի ճիչ արձակեց, Պտիցինը անհանգստացած առաջ շարժվեց, դռան մեջ հայտնված Ֆերդիշչենկոն ու Կոլյան զարմացած կանգ առան, միայն Վարյան էր առաջվա պես նայում աչքի տակով, բայց ուշադիր հետևելով։ Նա չէր նստել, այլ կանգնած էր կողքանց, մոր մոտ, ձեռները կրծքին ծալած։

Բայը Գանյան իսկույն, համարյա իր շարժման առաջին իսկ րոպեին, սթափվեց և ջղային քրքջաց։ Նա լիովին ուշքի եկավ։

— Այդ ի՞նչ է, իշխան, դուք բժի՞շկ եք,— բացականչեց նա որքան կարող էր ուրախ ու պարզասիրտ,— նույնիսկ վախեցրեց ինձ. Նաստասյա Ֆիլիպովնա, կարելի է ներկայացնել ձեզ, սա չափազանց թանկագին սուբյեկտ է, թեև ես ինքս էլ ընդամենը այս առավոտվանից եմ ծանոթ։

Նաստասյա Ֆիլիպովնան տարակուսած նայում էր իշխանին։

— Իշխա՞ն։ Նա իշխա՞ն է։ Երևակայեցեք, իսկ ես քիչ առաջ, նախասենյակում, նրան լակեյի տեղ դրի և ուղարկեցի այստեղ ղեկուցելու։ Հա՜֊հա՜֊հա՜։

— Վնաս չունի, վնաս չունի,— վրա բերեց Ֆերդիշչենկոն, հապճեպ մոտ գալով և ուրախանալով, որ սկսեցին ծիծաղել,— վնաս չունի, se non è vero...[9]

— Եվ նույնիսկ, կարծեմ, հայհոյեցի ձեզ, իշխան։ Ներեցեք, խնդրեմ։ Ֆերդիշչենկո, դո՞ւք ինչպես եք այստեղ հայտնվել այս ժամին։ Ես կարծում էի, գոնե ձեզ այստեղ չեմ գտնի։ Ո՞վ է։ Ի՞նչ իշխան։ Մի՞շկին,— կրկին հարցրեց նա Գանյային, որն այդ ժամանակ դեռ շարունակում էր բռնել իշխանի ուսը, և կարողացել էր ներկայացնել նրան։

— Մեր կենվորն է,— կրկնեց Գանյան։

Ակներևաբար իշխանին ներկայացնում էին որպես ինչ֊որ հազվագյուտ (և բոլորի համար կեղծ վիճակից դուրս գալու համար պետքական) բան, համարյա խոթում էին դեպի Նաստասյա Ֆիլիպովնան, իշխանը նույնիսկ պարզ լսեց «ապուշ» բառը, որն իր հետևում շշնջաց կարծես թե Ֆերդիշչենկոն, Նաստասյա Ֆիլիպովնային ի պարզաբանումն։

— Ասացեք, հապա ինչո՞ւ քիչ առաջ կարծիքս չփոխեցիք, երբ ես այնպես սարսափելի... սխալվեցի ձեր նկատմամբ,— շարունակում էր Նաստասյա Ֆիլիպովնան, անպատկառորեն ոտից գլուխ ուշադիր զննելով իշխանին. նա անհամբեր սպասում էր պատասխանի, կարծես լիովին համոզված, որ պատասխանն այնքան հիմար կլինի, որ անհնար կլինի չծիծաղել։

— Ես զարմացա, ձեզ այդպես հանկարծ տեսնելով քրթմնջաց իշխանը։

— Իսկ ինչպե՞ս իմացաք, որ այդ ես եմ։ Առաջ որտե՞ղ եք տեսել ինձ։ Այս ի՞նչ է, կարծես թե իրոք ես նրան մի տեղ տեսել եմ։ Եվ թույլ տվեք ձեզ հարցնել, ինչո՞ւ քիչ առաջ տեղում քարացաք։ Իմ մեջ ի՞նչ կա այդպես քարացնող։

— Դե, հը՛, դե՛,— շարունակում էր ծամածռություններ անել Ֆերդիշչենկոն,― դե, հը՛, դե։ Օ, տեր իմ, ինչեր ասես չէի ասի ես այդպիսի հարցին ի պատասխան։ Դե, հը՛․․․ Որ այդպես է, անտաշի մեկն ես դու, իշխան։

— Ես էլ ձեր տեղը լինեի, ինչեր ասես կասեի,— ծիծաղեց իշխանը Ֆերդիշչենկոյին,— քիչ առաջ ձեր նկարը ինձ զարմացրեց,― շարունակեց նա դառնալով Նաստասյա Ֆիլիպովնային,— հետո ձեր մասին Եպանիչինների հետ եմ խոսել... Իսկ վաղ առավոտյան, դեռ նախքան Պետերբուրգ մտնելս, գնացքում ձեր մասին շատ բաներ պատմեց Պարֆեն Ռոգոժինը․․․ Եվ այն րոպեին էլ, երբ դուռը բաց արի ձեր առաջ, նույնպես ձեր մասին էի մտածում, իսկ այդ ժամանակ հանկարծ հայտնվեցիք դուք։

— Իսկ ինչպե՞ս ճանաչեցիք, որ այդ ես եմ։

— Պատկերից և...

— Մեկ է՞լ։

— Մեկ էլ նրանից, որ ձեզ հենց այդպես էի պատկերացնում... Ես էլ կարծես մի տեղ տեսել եմ ձեզ։

— Որտե՞ղ։ Որտե՞ղ։

— Ես ձեր աչքերը իսկապես մի տեղ տեսել եմ... Բայց այդ չի կարող պատահել։ Ես դա այնպես... Ես այստեղ երբեք չեմ էլ եղել։ Գուցե երազում...

— Այ քեզ իշխա՜ն,— թզավեց Ֆերդիշչենկոն։― Ոչ, ես իմ se non è vero֊ն ետ եմ վերցնում։ Ի դեպ... ի դեպ, ախր այդ ամենը նա ասում է անմեղությունի՜ց,― ավելացրեց նա ափսոսանքով։

Իշխանն իր մի քանի նախադասությունն ասաց անհանգիստ ձայնով, ընդհատումներով և հաճախակի շունչը ետ բերելով։ Նրա մեջ ամեն ինչ արտահայտում էր անասելի հուզմունք։ Նաստասյա Ֆիլիպովնան նրան նայում էր հետաքրքրությամբ, բայց արդեն չէր ծիծաղում։ Հենց այդ րոպեին իշխանի ու Նաստասյա Ֆիլիպովնայի շուրջը խիտ խռնված բազմության հետևից լսվող մի նոր ու բարձր ձայն, այսպես ասած, ետ բացեց ամբոխին ու նրան բաժանեց երկու մասի։ Նաստասյա Ֆիլիպովնայի առաջ կանգնած էր ընտանիքի հայրն ինքը, գեներալ Իվոլգինը։ Նա ֆրակով ու մաքուր կրծկալով էր։ Բեղերը ներկած էին...

Դրան արդեն Գանյան չէր կարող դիմանալ։

Նա, որ կասկածամտության, սևամաղձության աստիճան ինքնասեր ու սնափառ էր, որ այս ամբողջ երկու ամիսը գեթ որևէ հենակետ էր որոնում, որի վրա կարողանար հենվել որքան կարելի է վայելուչ և իրեն ներկայացնել որքան կարելի է ազնիվ, որ զգում էր, թե իր ընտրած ուղու մեջ դեռ նորելուկ է և, թերևս, չդիմանա. վերջապես, որ իր տանը, որտեղ բռնակալ էր, հուսահատությունից վճռել էր լինել լիակատար լկտի, բայց չէր համարձակվում սիրտ անել Նաստասյա Ֆիլիպովնայի առաջ, որը մինչև վերջին րոպեն նրան մոլորեցնում էր և անողոքաբար գերակշռությունն իր ձեռքին պահում, որ «անհամբեր աղքատ» էր հենց Նաստասյա Ֆիլիպովնայի արտահայտությամբ, որը արդեն հասցրել էին Գանյայի ականջին, նա, որ երդվել էր բոլոր երդումներով հետագայում այդ բոլորը մի լավ հիշեցնել Նաստասյա Ֆիլիպովնային և միաժամանակ երբեմն ինքն իր մեջ երեխայաբար երազում էր ծայրերը միացնել ու հաշտեցնել բոլոր հակասությունները, նա հիմա պիտի ճաշակեր այդ սարսափելի բաժակը ևս, և, գլխավորը, մի այնպիսի՜ րոպե։ Եվս մի չնախատեսված, բայց ամենասարսափելի խոշտանգում սնափառ մարդու համար. նրան բաժին ընկավ իր իսկ տանը իր հարազատների համար շիկնելու տանջանքը։ «Վերջապես, արժե՞ արդյոք այս ամենին վարձատրությունն ինքը»,— այդ վայրկյանին անցավ Գանյայի մտքով։

Հենց այդ րոպեին տեղի էր ունենում այն, ինչ այդ երկու ամիսը նա տեսնում էր երազում միայն գիշերները, կոշմարի ձևով և սարսափից սառեցնում, ամոթից այրում. վերջապես տեղի ունեցավ իր ծնողի և Նաստասյա Ֆիլիպովնայի ընտանեկան հանդիպումը։ Նա երբեմն ծաղրելով ու գրգռելով իրեն, փորձում էր պատկերացնել գեներալին ամուսնական ծիսակատարության ժամանակ, բայց երբեք ընդունակ չէր լինում մինչև վերջ հասցնել տանջալից պատկերը և շուտով մի կողմ էր նետում։ Գուցե նա անսահման չափազանցնում էր դժբախտությունը, բայց սնափառ մարդկանց մոտ միշտ այդպես է լինում։ Այդ երկու ամսում երկար խորհելուց հետո նա կարողացել էր որոշում ընդունել և իրեն խոսք էր տվել ինչպես ուզում է լինի՝ մի կերպ կրճատել իր ծնողին, թեկուզ առժամանակ, և եթե հնարավոր է, նույնիսկ ստիպել, որ հեռանա Պետեբբուրգից, մայրը դրան համաձայն լինի, թե ոչ։

Տասը րոպե առաջ, երբ ներս մտավ Նաստասյա Ֆիլիպովնան, նա այնպես էր զարմացել ու շշմել, որ բոլորովին մոռացել էր Արդալիոն Ալեքսանդրովիչի՝ այստեղ հայտնվելու հնարավորությունը և ոչ մի կարգադրություն չէր արել։ Եվ ահա գեներալն այստեղ է, բոլորի առաջ, այն էլ հանդիսավոր ձևով պատրաստված և ֆրակով, և հենց այն ժամանակ, երբ Նաստասյա Ֆիլիպովնան «միայն առիթ է որոնում, որպեսզի Գանյայի ու նրա տնեցիների գլխին ծաղրանք տեղա»։ (Դրանում նա համոզված էր)։ Եվ իսկապես, ի՞նչ է նշանակում նրա այս այցելությունը, եթե ոչ ծաղր։ Նրա մոր և քրոջ հետ բարեկամանալո՞ւ, թե նրա իսկ տանը նրանց վիրավորելու է եկել։ Բայց նայելով, թե ինչպես էին տեղավորվել երկու կողմերը, արդեն կասկած լինել չէր կարող, նրա մայրն ու քույրը նստել էին մեկուսի վարկաբեկվածների պես, իսկ Նաստասյա Ֆիլիպովնան կարծես նույնիսկ մոռացել էր, որ նրանք իր հետ նույն սենյակում են... Եվ եթե իրեն այդպես է պահում, իհարկե, իր նպատակն ունի։

Ֆերդիշչենկոն բռնեց գեներալին ու մոտեցրեց նրան։

— Արդալիոն Ալեքսանդրովիչ Ւվոլգին,― արժանապատվությամբ արտասանեց առաջ խոնարհված ու ժպտացող գեներալը,— ծեր դժբախտ զինվոր և հայրն ընտանիքի, որը երջանիկ է իր մեջ առնել այսպիսի սքանչելի...

Նա չավարտեց․ Ֆերդիշչենկոն արագությամբ նրա հետևից մի աթոռ դրեց, և գեներալը, որի ոտները փոքր-ինչ թուլացած էին հետճաշյա այդ րոպեին, ուղղակի շրմփաց, կամ, ավելի լավ է ասել, ընկավ աթոռին, բայց դա, ի դեպ, նրան չշփոթեցրեց։ Նա տեղավորվեց ուղիղ Նաստասյա Ֆիլիպովնայի դիմաց և հաճելի ծամածռությամբ, դանդաղ ու էֆեկտով, նրա մատիկները մոտեցրեց իր շրթունքներին։ Առհասարակ բավական դժվար էր գեներալին շփոթեցնելը։ Նրա արտաքինը, բացի որոշ փնթիությունից, դեռևս բավականաչափ վայելուչ էր, որն ինքը շատ լավ գիտեր։ Առաջ առիթ էր ունենում լինել և շատ լավ հասարակության մեջ, որտեղից նրան վերջնականապես արտաքսեցին ընդամենը մի երկու֊երեք տարի առաջ։ Հենց այդ ժամանակից էլ նա արդեն չափազանց անզուսպ կերպով անձնատուր եղավ իր որոշ թուլություններին, բայց մինչև հիմա էլ նա պահպանում էր ճարպիկ ու հաճելի վարվելաձևը։ Թվում է, Նաստասյա Ֆիլիպովնան սաստիկ ուրախացավ Արդալիոն Ալեքսանդրովիչի հայտնվելուն, որի մասին, իհարկե, գիտեր լսածով։

— Լսել եմ, որ իմ որդին...— սկսեց Արդալիոն Ալեքսանդրովիչը։

— Այո, ձեր որդի՜ն։ Դուք էլ լավն եք, ձեր որդու հայրիկը։ Ինչո՞ւ բոլորովին չեք երևում ինձ մոտ։ Ինչ է, դուք ինքնե՞րդ եք թաքնվում, թե՞ ձեր որդին է ձեզ թաքցնում։ Դուք համենայն դեպս կարող եք ինձ մոտ գալ, առանց ոչ ոքի վարկաբեկելու։

— Նաստասյա Ֆիլիպովնա։ Խնդրում եմ, մի րոպեով բաց թողեք Արդալիոն Ալեքսանդրովիչին, նրան հարցնում են,— բարձրաձայն ասաց Նինա Ալեքսանդրովնան։

— Բա՜ց թողնեմ։ Ի սեր աստծո, ես այնքա՜ն եմ լսել, այնքան վաղուց էի ուզում տեսնել։ Եվ նա ի՞նչ գործեր ունի։ Չէ՞ որ պաշաոնաթող է։ Դուք ինձ չե՞ք թողնի, գեներալ, չե՞ք գնա։

— Ես ձեզ խոսք եմ տալիս, որ ինքը կգա ձեզ մոտ, բայց հիմա նա հանգստի կարիք ունի։

— Արդալիոն Ալեքսանդրովիչ, ասում են, թե դուք հանգստի կարի՜ք ունեք,— բղավեց Նաստասյա Ֆիլիպովնան դժգոհ ու զզվանք արտահայտող ծամածռությամբ, ինչպես թեթևսոլիկ հիմար աղջիկ, որից խլում են խաղալիքը։ Այնինչ գեներալը ջանաց իրեն ավելի հիմար դրության մեջ դնել։

— Բարեկա՜մս, բարեկա՜մս,— կշտամբանքով արտասանեց նա, հանդիսավորությամբ կնոջը դիմելով և ձեռքը սրտին դնելով։

— Դուք այստեզից չե՞ք գնա, մայրիկ,― բարձրաձայն հարցրեց Վարյան։

— Ոչ, Վարյա, ես մինչև վերջ կմնամ։

Նաստասյա Ֆիլիպովնան չէր կարող չլսել հարցն ու պատասխանը, բայց կարծես թե նրա ուրախությունը դրանից ավելի ևս ավելացավ։ Նա անմիջապես նորից հարցեր տեղաց գեներալի գլխին, և հինգ րոպե անց գեներալը ամենահանդիսավոր տրամադրության մեջ էր և ճառում էր ներկաների բարձրաձայն ծիծաղի ներքո։

Կոլյան քաշեց իշխանի փեշից։

— Գոնե դուք նրան մի կերպ հեռացրեք։ Չի՞ կարելի։ Խնդրում եմ։— Եվ խեղճ պատանու աչքերին նույնիսկ զայրույթի արցունքներ էին այրվում։— Օ, անիծված Գանկա, — ավելացրեց նա մտքում։

— Իվան Ֆյոդորովիչ Եպանչինն ու ես, իրոք, լավ բարեկամներ էինք,— դայլայլում էր գեներալը ի պատասխան Նաստասյա Ֆիլիպովնայի հարցերի։— Ես, նա և հանգուցյալ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկինը, որի զավակին ես գրկեցի այսօր քսանամյա անջատումից հետո, մենք երեքս, այսպես ասած, անբաժան հեծելախումբ էինք.— Աթոս, Պորտոս և Արամիս։ Բայց ավա՜ղ, մեկը գերեզմանում է, զարկված զրպարտանքից ու գնդակից, մյուսը ձեր առաջ է և դեռ պայքարում է զրպարտանքի ու գնդակների դեմ...

— Գնդակների՜,― բղավեց Նաստասյա Ֆիլիպովնան։

— Նրանք այստեղ են, կրծքումս, իսկ ստացել եմ Կարսի մերձակայքում, և վատ եղանակին զգում եմ։ Բայց մնացած բոլոր տեսակետներից ապրում եմ փիլիսոփայի պես, ման եմ գալիս, զբոսնում, իմ կաֆեում շաշկի եմ խաղում գործերից հեռացած բուրժուայի պես և «Independance» եմ կարդում։ Բայց մեր Պորտոսի՝ Եպանչինի հետ վերջնականապես խզել եմ, սրանից երեք տարի առաջ երկաթուղում բոլոնկայի հետ կապված պատմությունից հետո։

— Բոլոնկայի՞։ Այդ ի՞նչ պատմություն է,— առանձնահաաուկ հետաքրքրությամբ հարցրեց Նաստասյա Ֆիւլիպովնան։— Բոլոնկայի՞։ Թույլ տվեք, և երկաթուղո՞ւմ,— կարծես մտաբերում էր նա։

— Օ՜, հիմար պատմություն է, չարժի էլ կրկնել․ իշխանուհի Բելոկոնսկայայի տնային դաստիարակչուհու՝ միստրիս Շմիդի պատճառով․․․ չարժի էլ կրկնել։

— Անպայման պատմեցեք,— բացականչեց Նաստասյա Ֆիլիպովնան։

— Ես էլ դեռ չեմ լսել,— նկատեց Ֆերդիշչենկոն, c'est du nouveau[10]։

— Արդալիոն Ալեքսաքնդրովիչ,— նորից հնչեց Նինա Ալեքսանդրովնայի աղերսական ձայնը։

— Հայրիկ, ձեզ կանչում են,— բղավեց Կոլյան։

— Հիմար պատմություն է, և երկու խոսքով,— սկսեց գեներալը ինքնագոհությամբ։― Երկու տարի առաջ, հա՝ երկու տարուց քիչ պակաս, նոր էին բացել ․․․յան երկաթուղին, ես (և արդեն քաղաքացիական վերարկուով), հոգալով աշխատանքս հանձնելու ինձ համար չափազանց կարևոր գործերը, առաջին կարգի տոմս գնեցի, ներս մտա, նստել ծխում եմ։ Այսինքն՝ շարունակում եմ ծխել, ծխախոտս առաջուց կպցրած էր։ Բաժանմունքում մենակ ես եմ։ Ծխելը չի արգելվում, բայց և չի թույլատրվում, այնպես, կիսաթույլատրվում է, ըստ սովորականի, դե, նաև նայած թե ում։ Լուսամուտը ցած է իջեցրած, հանկարծ սուլոցից անմիջապես առաջ տեղավորվում են երկու տիկին՝ հետները մի բոլոնյան շնիկ, ուղղակի դեմս, ուշացել էին, մեկը ամենաշքեղ ձևով էր հագնված, բաց կապույտ, մյուսն ավելի համեստ, թիկնոցավոր սև զգեստով։ Լավիկն են, նայում են ամբարտավան, խոսում են անգլերեն։ Ես, հասկանալի է, ոչինչ, ծխում եմ։ Այսինքն՝ ես մտածեցի, բայց շարունակում եմ ծխել լուսամատից դուրս, որովհետև լուսամուտը բաց է։ Շնիկը հանգչում է բաց կապույտ տիկնոջ ծնկներին, փոքրիկ, եղած-չեղածը իմ բռունցքի չափ, սև, թաթիկները սպիտակ, նույնիսկ հազվագյուտ բան էր։ Վզնոցն արծաթե էր, դևիզով։ Ես ոչ մի բան։ Միայն նկատում եմ, որ տիկինները կարծես բարկանում են, իհարկե, սիգարի համար։ Մեկը կրեոսկրյա լոռնետը դրեց աչքերին։ Ես էլի ոչ մի բան. նրա համար, որ ախր ոչինչ չե՜ն ասում։ Եթե ասեին, զգուշացնեին, խնդրեին, չէ որ վերջապես մարդկային լեզու կա։ Թե չէ՝ լռում են... և հանկարծ, և դա առանց մի փոքր, կասեմ ձեզ, նախազգուշացման, այսինքն՝ առանց նվազագույն իսկ, ուղղակի կարծես բոլորովին խելքները թռցրին, բաց կապույտը ձեռքիցս խլեց սիգարը և՝ լուսամատից դուրս։ Գնացքը սլանում է, գժի պես նայում եմ։ Վայրենի կին է, վայրենի կին, ուղղակի բոլորովին վայրենի վիճակում. սակայն հաղթանդամ կին է, գեր, բարձրահասակ, շիկահեր, կարմրադեմ (նույնիսկ չափազանց), աչքերը փայլում են ինձ վրա։ Առանց մի բառ ասելու, ես արտակարգ քաղաքավարությամբ, կատարյալ քաղաքավարությամբ, այսպես ասած՝ նրբագույն քաղաքավարությամբ, երկու մատով մոտենում եմ շնիկին, նրբավարի բռնում եմ վզից ու շրմփ լուսամուտից դուրս՝ սիգարի հետևից։ Միայն վնգստոցը լսվեց։ Գնացքը շարունակում է սլանալ...

— Դուք հրե՜շ եք,— բացականչեց Նաստասյա Ֆիլիպովնան քրքջալով և փոքրիկ աղջկա պես ծափ տալով։

— Բրա՜վո, բրա՜վո,— բղավում էր Ֆերդիշչենկոն։ Քմծիծաղ տվեց նաև Պտիցինը, որի համար նույնպես չափազանց տհաճ էր գեներալի հայտնվելը, նույնիսկ Կոլյան ծիծաղեց ու բղավեց. «Բրա՜վո»։

— Եվ ես իրավացի եմ, ես իրավացի եմ, եռակի իրավացի եմ,― եռանդով շարունակում էր ցնծացող գեներալը,― որովհետև եթե վագոնում սիգարն արգելված է, ապա շներն առավել ևս։

— Բրա՜վո, հայրիկ,— հիացմունքով բղավեց Կոլյան,— հիանալի՜ է։ Ես անպայման, անպայման նույն բանը կանեի։

— Իսկ տիկի՞նն ինչ արեց,— անհամբերությամբ հարցաքննում էր Նաստասյա Ֆիլիպովնան։

— Նա՞։ Ահա հենց այստեղ է ամբողջ տհաճությունը,— շարունակեց գեներալը մռայլված,— առանց մի բառ ասելու և առանց որևէ նախազգուշացման, նա շրխկացրեց երեսիս։ Վայրենի՜ կին, բոլորովին վայրենի վիճակում։

— Իսկ դո՞ւք։

Գեներալն աչքերը խոնարհեց, հոնքերը վեր քաշեց, ուսերը բարձրացրեց, շրթունքները սեղմեց, ձեռքերը տարածեց, փոքր֊ինչ լռեց և հանկարծ ասաց,

― Գլուխս կորցրի։

— Եվ սաստի՞կ։ Սաստի՞կ։

— Աստված վկա, ոչ սաստիկ։ Սկանդալ ստացվեց, բայց ոչ սաստիկ։ Ես միայն մի անգամ ետ մղեցի, լոկ միայն ետ մղած լինելու համար։ Բայց այստեղ սատանան ինքը դրդեց․ պարզվեց, որ բաց կապույտը անգլուհի է, տնային դասաիարակչուհի կամ նույնիսկ իշխանուհի Բելոկոնսկայայի տան բարեկամ, իսկ սև շոր հագածը՝ Բելոկոնսկայա իշխանուհիներից ավագն էր, մոտ երեսունհինգ տարեկան պառաված օրիորդ։ Իսկ հայտնի է, թե գեներալի կինը, Եպանչինան, ինչ հարաբերությունների մեջ է Բելոկոնսկիների տան հետ։ Բոլոր իշխանուհիները ուշագնաց են, արցունքնե՜ր, սո՜ւգ սիրելի շնիկի համար, վեց իշխանուհիների ճղճղոց, անգլուհու ճղճղոցը, աշխարհի վերջը։ Իհարկե, գնացի զղջացած, ներողություն խնդրեցի, նամակ գրեցի, չընդունեցին, ոչ ինձ, ոչ նամակս, իսկ Եպանչինի հետ երկպառակություններ, վտարում, արտաքսո՜ւմ։

— Բայց, ներեցեք, այդ ինչպե՞ս,— հանկարծ հարցրեց Նաստասյա Ֆիլիպովնան,— հինգ թե վեց օր առաշ «Independance»֊ում կարդացի,— ես միշտ կարդում եմ «Independance»-ն,— ճիշտ նույնպիսի մի պատմություն։ Բայց ճիշտ և ճիշտ նույնպիսի։ Դա պատահել է մերձհռենոսյան երկաթուղիներից մեկում, վագոնում, մի ֆրանսիացու և անգլուհու միջև, ճիշտ այդ ձևով խլվել է սիգարը, ճիշտ այդ ձևով լուսամուտից դուրս է նետվել շնիկը, վերջապես ճիշտ այդպես էլ վերջացել է, ինչպես ձեր պատմությունը։ Նույնիսկ զգեստը բաց կապույտ է եղել։

Գեներալը սարսափելի կարմրեց, Կոլյան նույնպես կարմրեց և ձեռներով գլուխը սեղմեց, Պտիցինն արագ շուռ եկավ։ Առաջվա պես քրքջում էր միայն Ֆերդիշչենկոն։ Գանյայի մասին խոսելն իսկ ավելորդ է, նա ամբողջ ժամանակ կանգնած էր, դիմանալով համր ու անտանելի տանջանքին։

— Հավատացնում եմ,— մրթմրթաց գեներալը, որ ինձ հետ էլ ճիշտ նույն բանը պատահել է...

— Հայրիկս, իրոք, անախորժություն է ունեցել միստրիս Շմիդի, Բելոկոնսկայայի տնային դաստիարակչուհու հետ,— ճչաց Կոլյան,— ես հիշում եմ։

— Ինչպե՜ս։ Ճիշտ և ճի՞շտ։ Միևնույն պատմությունը Եվրոպայի երկու ծայրերում և ճիշտ ու ճիշտ նույնպիսի, բոլոր մանրամասնություններով, մինչև բաց կապույտ զգեստը,— պնդում էր անողոք Նաստասյա Ֆիլիպովնան։ — Ես ձեզ կուղարկեմ «Independance Belցe»֊ը։

— Բայց, նկատեցեք,― դեռ շարունակում էր պնդել գեներալը,— որ այդ դեպքը ինձ պատահել է երկու տարի առաջ․․․

— Հա՜, դա թերևս։

Նաստասյա Ֆիլիպովնան հռհռում էր հիստերիկայի մեջ ընկածի պես։

— Հայրիկ, ես ձեզ խնդրում եմ դուրս գալ, երկու խոսք ունեմ ասելու,— դողդոջուն, տանջալից ձայնով ասաց Գանյան, մեքենայաբար բռնելով հոր ուսից։ Նրա հայացքում եռում էր անսահման ատելությունը։

Այդ նույն վայրկյանին նախասենյակից լսվեց զանգի խիստ ուժեղ հարվածը։ Այդպիսի հարվածով կարելի էր պոկել զանգակը։ Ազդարարվում էր մի արտասովոր այցելություն։ Կոլյան վազեց դուռը բացելու։

X

Նախասենյակը հանկարծ լցվեց աղմուկ-աղաղակով ու մարդկանցով․ հյուրասենյակում թվում էր, թե դրսից ներս են մտել մի քանի մարդ և դեռ շարունակում են մտնել։ Մի քանի ձայն խոսում ու բղավում էին միաժամանակ, խոսում ու բղավում էին նաև սանդուղքի վրա, դեպի որը տանող նախասենյակի դուռը, ինչպես լսվում էր, չէր փակվում։ Այդ այցելությունը չափազանց տարօրինակ այցելություն էր։ Բոլորն իրար երես նայեցին. Գանյան դահլիճ նետվեց, բայց արդեն մի քանի հոգի մտել էին նաև դահլիճ։

— Ա՜, ահա նա, հուդա՜ն,— բղավեց իշխանին ծանոթ մի ձայն,— բարև, Գանկա, սրիկա։

— Նա՛ է, նա՛ է որ կա,— հաստատեց մի ուրիշ ձայն։

Իշխանի համար կասկած չէր կարող լինել․ մի ձայնը պատկանում էր Ռոգոժինին, մյուսը՝ Լեբեդևին։

Գանյան կանգնել էր դահլիճի դռանը ասես բթացած և լուռ նայում էր, չարգելելով, որ մեկը մյուսի հետևից դահլիճ մտնեն տասը թե տասներկու մարդ՝ Պարֆեն Ռոգոժինի հետևից։ Խումբը չափազանց այլազան էր և աչքի էր ընկնում ոչ միայն այլազանությամբ, այլև այլանդակությամբ։ Մի քանիսը ներս էին մտնում այնպես, ինչպես փողոցում էին, վերարկուներով ու մուշտակներով։ Ի դեպ, սաստիկ հարբածներ չկային, բայց փոխարենը՝ բոլորը, երևում է, խիստ գինովցած էին։ Թվում է, ներս մտնելու համար բոլորը մեկ-մեկու կարիք էին զգում. ոչ մեկը առանձին սիրտ չէր անի ներս մանել, բայց կարծես թե բոլորը իրարու ներս էին մղում։ Նույնիսկ ամբոխի գլուխն անցած Ռոգոժինը զգուշությամբ էր ոտները փոխում, բայց նա ինչ-որ մտադրություն ուներ և թվում էր գրգռված ու մռայլորեն մտահոգված։ Մնացածները կազմում էին միայն _խորը_, կամ, լավ է ասել, հրոսակախումբ՝ Պարֆենին օգնելու համար։ Բացի Լեբեդևից, այստեղ էր նաև մազերը գանգրացրած Զալյոժովը, որը մուշտակը թողել էր նախասենյակում և ներս էր մտել սանձարձակ ու պճնամոլ, և նրա նման երկու-երեք պարոն, ըստ երևույթին վաճառականներից։ Ինչ֊որ մեկը կիսազինվորական վերարկուով, ինչ-որ փոքրիկ ու չափազանց հաստ մարդ, որ շարունակ ծիծաղում էր. մի տասներկու վերշոկանոց հսկայական պարոն, նույնպես չափազանց հաստ, չափազանց մռայլ ու լռակյաց, որը, ըստ երևույթին, շատ վստահ էր իր բռունցքներին, կար մի բժշկական ուսանող, կար մարդկանց շուրջը պտույտ եկող մի լեհիկ։ Սանդուղքից նախասենյակ էին նայում, բայց չէին վստահում ներս մտնել ինչ֊որ երկու տիկին։ Կոլյան նրանց քթի առաջ դուռը շրխկացրեց ու կեռը գցեց։

— Բարև՛, Գանկա, սրիկա՛։ Ինչ է, չէի՞ր սպասում Պարֆեն Ռոգոժինին,— կրկնեց Ռոգոժինը դահլիճին հասնելով և դռան մեջ՝ Գանյայի դիմաց կանգ առնելով։ Բայց այդ րոպեին նա հյուրասենյակում, ուղիղ իր դիմաց նկատեց Նաստասյա Ֆիլիպովնային։ Ըստ երևույթին, նրա մտքովն էլ չէր անցնում այստեղ հանդիպել Նաստասյա Ֆիլիպովնային, որովհետև նրա տեսքը արտակարգ տպավորություն գործեց Ռոգոժինի վրա։ Նա այնպես դժգունեց, որ մինչև իսկ շրթունքները կապտեցին,— նշանակում է ճի՜շտ է,— ասաց նա կամացուկ և կարծես թե ինքն իրեն, բոլորովին շփոթված տեսքով,— վե՜րջ․․․ Դե․․․ հիմա պատասխա՛ն կտա ինձ,— հանկարծ կրճտացրեց նա, կատաղի չարությամբ նայելով Գանյային։— Դե... ա՛խ...

Նա նույնիսկ շնչահեղձ էր լինում, նույնիսկ դժվարությամբ էր արտասանում բառերը։ Նա մեքենայաբար շարժվում էր դեպի հյուրասենյակ, բայց շեմքն անցնելով, հանկարծ տեսավ Նինա Ալեքսանդրովնային ու Վարյային և կանգ առավ, մի քիչ շփոթված, չնայած իր ողջ հուզմունքին։ Նրա հետևից անցավ Լեբեդևը, որը ստվերի պես ետ չէր մնում նրանից և արդեն խիստ հարբած էր, ապա ուսանողը, բռունցքավոր պարոնը, աջ ու ձախ բարևող Զալյոժովը, և, վերջապես, խցկվում էր կարճահասակ հաստլիկը։ Տիկնանց ներկայությունը նրանց բոլորին դեռ որոշ չափով զսպում էր և ակներևաբար խիստ խանգարում, միայն մինչև _սկիզբը_, մինչև բղավելու և _սկսելու_ առաջին պատրվակը... Այստեղ արդեն ոչ մի տիկին չէր խանգարի։

— Ինչպե՞ս, դո՞ւ էլ այստեղ ես, իշխան,— մտացրիվ ասաց Ռոգոժինը, մասամբ զարմացած իշխանին հանդիպելուց,— դեռ շտիբլետիկներո՞վ ես, է֊է՜խ,— հառաչեց նա, արդեն մոռանալով իշխանի մասին և հայացքը վերստին փոխադրելով Նաստասյա Ֆիլիպովնայի վրա, շարունակ մոտենալով ու ձգվելով դեպի նա, ինչպես դեպի մագնիսը։

Նաստասյա Ֆիլիպովնան նույնպես անհանգիստ հետաքրքրությամբ նայում էր հյուրերին։

Գանյան, վերշապես, ուշքի եկավ։

— Բայց թույլ տվեք, վերջապես սա ի՞նչ է նշանակում,— բարձրաձայն ասաը նա, խստորեն նայելով ներս եկածներին և դիմելով գերազանցապես Ռոգոժինին,— դուք, կարծեմ, ախոռ չեք մտել, պարոնայք, այստեղ են իմ մայրը և քույրը...

— Տեսնում ենք, որ մայրն ու քույրը,— ատամների արանքից մզեց Ռոգոժինը։

— Այդ երևում է, որ մայրն ու քույրը,— կոնտենանսի[11] համար հաստատեց Լեբեդևը։

Բռունցքավոր պարոնը, հավանաբար ենթադրելով, որ րոպեն հասել է, սկսեց ինչ֊որ բան փնթփնթալ։

— Բայց և այնպես,— հանկարծ և մի տեսակ չափից անց, պայթյունով ձայնը բարձրացրեց Գանյան,— բոլորիդ խնդրում եմ այստեղից անցնել դահլիճ, և ապա թույլ տվեք իմանալ...

— Մի տե՜ս, չի իմանում,— ատամները ցույց տալով չար ժպտաց Ռոգոժինը, առանց տեղից շարժվելու,— Ռոգոժինին չե՞ս իմանում։

— Ասենք, ձեզ մի տեղ հանդիպել եմ, բայց...

— Մի տե՜ս, մի տեղ հանդիպել է։ Ախր ես ընդամենը երեք ամիս առաջ հորս երկու հարյուր ռուբլին քեզ տարվեցի, ծերուկը մեռավ ու այդ պատճառով ժամանակ չունեցավ իմանալու. դու ինձ քարշ տվիր, իսկ Կնիֆը խաղաթղթերն էր խարդախում։ Չե՞ս ճանաչում։ Պտիցինը վկա է։ Ախր քեզ որ երեք մանեթ ցույց տամ, որ հիմա գրպանիցս հանեմ, դրա հետևից չորեքթաթ կսողաս մինչև Վասիլևսկի, ահա թե ինչպիսին ես դու։ Քո հոգին է էդպես։ Հիմա էլ եկել եմ քեզ փողով գնելու, դու մի նայիր, որ էսպիսի կոշիկներով ներս մտա. ես, եղբայր, փող շատ ունեմ, քեզ ամբողջովին և ունեցած֊չունեցածովդ կգնեմ... ուզենամ՝ ձեզ բոլորի՜դ կգնեմ։ Ամե՛ն ինչ կգնե՜մ,― բորբոքվում և կարծես ավելի ու ավելի էր գինովանում Ռոգոժինը։— Է-է՜խ,— բղավեց նա,— Նաստա՜սյա Ֆիլիպովնա։ Մի վռնդեք, մի խոսք ասացեք. պսակվո՞ւմ եք սրա հետ, թե՞ ոչ։

Ռոդոժինը իր հարցը տվեց ինքն իրեն կորցրած, ինչպես կդիմեն որևէ աստվածության, բայց մահվան դատապարտվածի համարձակությամբ, որն արդեն կորցնելու ոչինչ չունի։ Մահու անձկությամբ նա սպասում էր պատասխանի։

Նաստասյա Ֆիլիպովնան ծաղրական ու գոռոզ հայացքով չափեց նրան, բայց նայեց Վարյային ու Նինա Ալեքսանդրովնային, նայեց Գանյային և հանկարծ տոնը փոխեց։

— Բոլորովին էլ ոչ, ի՜նչ եք ասում։ Եվ ինչո՞ւ խելքներիդ փչեց հարցնել,― պատասխանեց նա կամացուկ ու լուրջ և կարծես որոշ զարմանքով։

— Ո՞չ։ Ո՜չ,— բղավեց Ռոգոժինը, ուրախությունից դրեթե խենթացած,— ուրեմն ո՜՞չ։ Իսկ ինձ նրանք ասացին... Ա՜խ։ Դե... Նաստասյա Ֆիլիպովնա։ Նրանք ասում էին, թե դուք նշանված եք Գանյայի հետ։ Ախր սրա՞ հետ։ Մի՞թե կարելի է։ (Ասում եմ նրանց բոլորին)։ Ես նրան ոտով գլխով հարյուր ռուբլու կգնեմ, հազար կտամ, ասենք, երեք հազար, որ ետ կանգնի, նա հարսանիքի նախօրեին կփախչի, իսկ հարսնացուին ամբողջովին ինձ կթողնի։ Այդպես է, չէ՞, Գանկա, սրիկա՜։ Չէ՞ որ կվերցնեիր երեք հազար ռուբլին։ Ահա՛ այդ հազարները, ահա՛։ Դրա համար էլ գալիս էի, որ քեզնից այդպիսի ստորագրություն վերցնեի, ասացի՝ կգնեմ, և կգնեմ։

— Դո՞ւրս կորիր այստեղից, դու հարբած ես,— բղավեց փոխնիփոխ կարմրող ու գունատվող Գանյան։

Նրա բղավոցից հետո հանկարծ լսվեց մի քանի ձայների պայթյուն. Ռոգոժինի ամբողջ խումբը վաղուց արդեն սպասում էր առաջին մարտահրավերին։ Լեբեդևը ինչ-որ արտակարգ ջանասիրությամբ փսփսում էր Ռոգոժինի ականջին։

― Ճիշտ է, չինովնիկ,— պատասխանեց Ռոգոժինը,— ճիշտ է, հարբած հոգի։ Է~խ, ինչ լինում է, լինի։ Նաստասյա Ֆիլիպովնա,― բղավեց նա խելագարի պես նայելով նրան, վախենալով և հանկարծ հանդգնության աստիճան քաջալերվելով,— ահա տասնո՜ւթ հազար։— Եվ նրա առաջ սեղանին շրմփացրեց սպիտակ թղթի խաչկապ մի փաթեթ,— ահա՜։ Եվ... և էլի՛ կլինի։

Նա չհամարձակվեց մինչև վերջ ասել, թե ինքը ինչ էր ուզում։

— Չէ, չէ, չէ՜,— նորից նրա ականջին շշնջաց Լեբեդևը, սարսավւելի վախեցած տեսքով, կարելի էր գլխի ընկնել, որ նա վախեցավ, գումարի ահագնությունից և առաջարկում էր փորձել անհամեմատ պակասից։

— Ոչ, այստեղ արդեն դու, եղբայր, հիմար ես, չգիտես ուր ես մտել... այո, երևում է, քեզ հետ ես էլ հիմար եմ,— գլխի ընկավ և հանկարծ ցնցվեց Ռոգոժինը Նաստասյա Ֆիլիպովնայի հրացայտ հայացքից։— Է֊է՜խ։ Սխալվեցի ես, քեզ լսեցի,— ավելացրեց նա խոր զղջումով։

Նաստասյա Ֆիլիպովնան, ուշադիր նայելով Ռոգոժինի մորմոքուն դեմքին, հանկարծ ծիծաղեց։

— Տասնութ հազա՞ր, ի՞նձ։ Անմիջապես երևում է մուժիկը,—ավելացրեց նա հանկարծ անպատկառ տնավարությամբ և բազմոցից վեր կացավ, կարծես պատրաստվելով մեկնել։ Գանյան սրտի նվաղումով դիտում էր ամբողջ տեսարանը։

— Դե, քառասուն հազար, քառասո՜ւն, և ոչ թե տասնութ,— բղավեց Ռոգոժինը։— Վքանկա Պտիցինն ու Բիսկուպը խոստացան ժամը յոթին քառասուն հազար ներկայացնել։ Քառասո՜ւն հազար։ Ամբողջը սեղանին կդնեմ։

Չափազանց այլանդակ տեսարան էր ստացվում, բայց Նաստասյա Ֆիլիպովնան շարունակում էր ծիծաղել և չէր գնում, կարծես իրոք դիտավորյալ երկարաձգում էր այն։ Նինա Ալեքսանդրովնան ու Վարյան էլ վեր կացան իրենց տեղերից ու վախեցած, լուռ սպասում էին, թե մինչև ուր կհասնի սա. Վարյայի աչքերը փայլատակում էին, բայց Նինա Ալեքսանդրովնայի վրա դա հիվանդագին ազդեց, նա դողում էր, և թվում էր, հիմա ուշագնաց կլինի։

— Դե որ էդպես է՝ հարյո՜ւր։ Հենց այսօր հարյուր հազար կներկայացնեմ։ Պտիցին, նեղ տեղից հանիր, ձեռներդ լավ կտաքացնե՜ս։

— Խելքդ կորցրել ես, — հանկարծ շշնջաց Պտիցինը, արագ մոտենալով նրան և բռնելով ձեռքը,― դու հարբած ես, ոստիկանների հետևից մարդ կուղարկեն։ Որտե՞ղ ես գտնվում։

— Հարբած դուրս է տալիս,― ասաց Նաստասյա Ֆիլիպովնան, կարծես գրգռելով նրան։

— Ախր դուրս չեմ տալիս, կլինի՜։ Երեկոյան կլինի։ Պտիցին, օգնիր, տոկոսավոր հոգի, ինչ կուզես վերցրու, մինչև իրիկուն ճարիր հարյուր հազարը. կապացուցեմ, որ դրա առաջ չեմ կանգնի,— հանկարծ խանդավառության աստիճան ոգևորվեց Ռոգոժինը։

— Բայց սա ի՞նչ բան է,— ահեղ ու հանկարծակի բացականչեց բարկացած Արդալիոն Ալեքսանդրովիչը, մոտենալով Ռոգոժինին։ Մինչև այժմ լուռ կանգնած ծերունու անսպասելի արարքը շատ կոմիկական հնչեց։ Լսվեց ծիծաղ։

— Սա՞ որտեղից լույս ընկավ,— ծիծաղեց Ռոգոժինը,— գնանք, ծերուկ, հարբեցնեմ։

— Դա արդեն ստորություն է,— բղավեց Կոլյան, արդեն լաց լինելով ամոթից ու զայրույթից։

— Մի՞թե ձեր մեջ մեկը չի գտնվի, որ այս անամոթ կնոջը այստեղից դուրս տանի,— հանկարծ ճչաց Վարյան, ամբողջովին գոզալով զայրույթից։

— Այդ ի՞նձ են անամոթ անվանո՜ւմ,— արհամարհական ուրախությամբ հարվածը ետ մղեց Նաստասյա Ֆիլիպովնան,— իսկ ես հիմարի պես եկա նրանց երեկույթի հրավիրելու։ Ահա ինչպես է ինձ քամահրում ձեր քույրիկը, Գավրիլա Արդալիոնովիչ։

Միառժամանակ Գանյան կանգնած էր շանթահար՝ քրոջ արարքից. բայց, տեսնելով, որ Նաստասյա Ֆիլիպովնան այս անգամ իսկապես գնում է, կատաղածի պես նետվեց դեպի Վարյան և բռնեց նրա ձեռքը։

— Ի՞նչ արեցիր դու,— բղավեց նա, քրոջը նայելով, կարծես ուզելով հենց տեղնուտեղը մոխրացնել նրան։ Գանյան բոլորովին կորցրել էր իրեն և վատ էր հասկանում։

— Ի՞նչ արեցի։ Ինձ ո՞ւր ես քարշ տալիս։ Չլինի՞ ներողություն խնդրելու նրանից, որ քո մորը վիրավորեց և քո տունը խայտառակելու եկավ, դու, ստոր մարդ, — կրկին բղավեց Վարյան, հաղթանակած ու մարտահրավերով նայելով եղբորը։

Մի քանի վայրկյան նրանք այդպես կանգնած էին միմյանց հանդեպ, երես առ երես։ Գանյան դեռ պահում էր նրա ձեռքը իր ձեռքում։ Վարյան մեկ֊երկու անգամ ձիգ տվեց ամբողջ ուժով, բայց չդիմացավ և հանկարծ, ինքն իրեն կորցնելով, թքեց եղբոր երեսին։

— Այ թե աղջի՜կ է,— բղավեց Նաստասյա Ֆիլիպովնան։— Բրա՛վո, Պտիցին, ես ձեզ շնորհավորում եմ։

Գանյայի աչքերը սևացան, և նա, ինքն իրեն բոլորովին մոռացած, ամբողջ ուժով ձեռքը թափահարեց քրոջ վրա։ Հարվածը անպայման նրա դեմքին կիջներ։ Բայց հանկարծ մի ուրիշ ձեռք օդում բռնեց Գանյայի ձեռքը։

Նրա և քրոջ միջև կանգնել էր իշխանը։

— Բավական է, հերիք է,― ասաց նա հաստատակամ, բայց նույնպես ամբողջովին դողալով, ինչպես արտակարգ ուժեղ ցնցումից։

— Շարունակ պիտի ճանապարհս կտրե՞ս,— մռնչաց Գանյան, Վարյայի ձեռքը բաց թողնելով, և ազատված ձեռքով ծայր աստիճան կատաղած ամբողջ թափով ապտակ հասցրեց իշխանին։

— Ա՛խ,— ձեռներն իրար զարկեց Կոլյանախ, աստվա՜ծ իմ։

Ամեն կողմից ձայներ լսվեցին։ Իշխանը գունատվեց։ Տարօրինակ ու կշտամբող հայացքով նա նայեց ուղիղ Գանյայի աչքերին. նրա շրթունքները դողում էին և ճգնում ինչոր բան ասել։ Մի տարօրինակ ու բոլորովին անհամապատասխան ժպիտ ծամածռել էր այդ շրթունքները։

— Դե, սա թող լինի ինձ․․․ իսկ նրան... համենայն դեպս, թույլ չե՛մ տա...— վերջապես կամացուկ ասաց նա, բայց, հանկարծ չդիմացավ, Գանյային թողեց, դեմքը ձեռքերով ծածկեց, քաշվեց մի անկյուն, երեսը պատին դարձրեց և կերկերուն ձայնով ասաց.

— Օ, ինչպե՜ս եք ամաչելու ձեր արարքից։

Դանյան իրոք կանգնել էր ստորացածի պես։ Կոլյան նետվեց փարվելու և համբուրելու իշխանին. նրա հետևից խռնվեցին Ռոգոժինը, Վարյան, Պտիցինը, Նինա Ալեքսանդրովնան, բոլորը, նույնիսկ ծերունի Արդալիոն Ալեքսանդրովիչը։

— Ոչինչ, ոչինչ,— քրթմնջում էր իշխանը դիմելով չորս կողմը, նույն անհամապատասխան ժպիտով։

— Եվ կզղջա՜,— բղավեց Ռոգոժինը,— կամաչես, Գանկա, որ այդպիսի... ոչխարին (նա չկարողացավ բառ գտնել) վիրավորեցիր։ Իշխան, հոգիս, թող սրանց, թքի՛ր, գնա՜նք։ Կիմանաս, թե ինչպե՜ս է սիրում Ռոգոժինը։

Նաստասյա Ֆիլիպովնան էլ խիստ զարմացած էր թե Գանյայի արարքից, թե իշխանի պատասխանից։ Նրա սովորաբար դժգույն ու մտախոհ դեմքը, որ շարունակ այնքա՜ն չէր ներդաշնակում քիչ առաջվա նրա կեղծ ծիծաղին, ըստ երևույթին հիմա հուզված էր մի նոր զգացմունքից. և, սակայն, կարծես այնուամենայնիվ նա չէր ուզում դա ցույց տալ, և ծաղրը կարծես ճգնում էր մնալ նրա դեմքին։

— Ճշմարիտ, ես մի տեղ տեսել եմ նրա դեմքը,― ասաց Նաստասյա Ֆիլիպովնան հանկարծ արդեն լուրջ, անակնկալ վերստին հիշելով իր քիչ առաջվա հարցը։

— Իսկ դուք չե՜ք էլ ամաչում։ Մի՞թե դուք այնպիսի կին եք, ինչպես հիմա ձեզ ներկայացնում էիք։ Մի՞թե կարող է պատահել,— բացականչեց հանկարծ իշխանը, սրտի խոր կշտամբանքով։

Նաստասյա Ֆիլիպովնան զարմացավ, քմծիծաղ տվեց, բայց, կարծես մի բան թաքցնելով իր ժպիտի տակ, փոքր-ինչ շփոթվելով, նայեց Գանյային և դուրս եկավ հյուրասենյակից։ Բայց, նախասենյակ չհասած, հանկարծ վերադարձավ, արագ մոտեցավ Նինա Ալեքսանդրովնային, բռնեց նրա ձեռքը և մոտեցրեց իր շրթունքներին։

― Չէ՞ որ ես իրոք այսպիսին չեմ, նա կռահեց,— շշնջաց նա արագ, տաք֊տաք, հանկարծ ամբողջովին բռնկվելով ու շիկնելով, և, շուռ գալով, այս անգամ այնքան արագ դուրս եկավ, որ նույնիսկ ոչ ոք ժամանակ չունեցավ հասկանալու, թե նա ինչու էր վերադարձել։ Միայն տեսան, որ նա մի բան շշնջաց Նինա Ալեքսանդրովնային և, կարծես, համբուրեց նրա ձեռքը։ Բայց Վարյան տեսել ու լսել էր ամեն ինչ և զարմացած ճամփու դրեց նրան հայացքով։

Գանյան ուշքի եկավ և նետվեց ճամփու դնելու Նաստասյա Ֆիլիպովնային, բայց նա արդեն դուրս էր եկել։ Գանյան նրան հասավ սանդուղքի վրա։

― Մի ուղեկցեք,— բղավեց նա Գանյային։— Յտեսություն, մինչև երեկո։ Անպայման, լսո՞ւմ եք։

Գանյան վերադարձավ շփոթված, մտախոհ. ծանր առեղծվածը նրա հոգուն տիրել էր ավելի ծանր, քան առաջ։ Մտքիը դուրս չէր գալիս նաև իշխանը․․․ նա այն աստիճան կորցրել էր ինքն իրեն, որ հազիվ տեսավ, թե ինչպես Ռոգոժինի ամբողջ խումբը իր կողքով դուրս էր թափվում բնակարանից և նույնիսկ դռան մեջ մի կողմ հրեցին իրեն, արագորեն բնակարանից դուրս գալով Ռոգոժինի հետևից։ Բոլորը բարձրաձայն դատում էին ինչ-որ բանի մասին։ Ռոգոժինն ինքը գնում էր Պտիցինի հետ և համառորեն պնդում էր մի կարևոր և, ըստ երևույթին, անհետաձգելի բանի մասին։

— Տանո՜ւլ տվիր, Գանկա,— բղավեց նա, մոտից անցնելիս։

Գանյան տագնապած նայեց նրանը հետևից։

XI

Իշխանը հյուրասենյակից գնաց և փակվեց իր սենյակում։ Անմիջապես նրա մոտ վաց տվեց Կոլյան՝ նրան մխիթարելու։ Թվում էր, խեղճ տղան հիմա այլևս չէր կարող նրանից պոկ գալ։

— Լավ արիք, որ դուրս եկաք,— ասաց նա,— հիմա այնտեղ ավելի սպստիկ խառնաշփոթություն կլինի, քան քիչ առաջ էր, և ամեն օր այդպես է մեզ մոտ, և այս ամբողջը այդ Նաստասյա Ֆիլիպովնայի պատճառով։

— Այստեղ ձեղ մոտ շատ ցավոտ հարցեր են կուտակվել ու բարդացել, Կոլյա,― նկատեց իշխանը։

— Այո, ցավոտ։ Մեր մասին խոսելն էլ ավելորդ է։ Ինքներս ենք մեղավոր ամեն ինչում։ Բայց ես մի շատ մտերիմ ընկեր ունեմ, նա ավելի դժբախտ է։ Ուզո՞ւմ եք, ես ձեզ ծանոթացնեմ։

— Շատ եմ ուզում։ Ձեր ընկե՞րն է։

— Այո, համարյա ընկերոջ պես է։ Ես հետո ամեն ինչ ձեզ կբացատրեմ։ Բայց գեղեցիկն է Նաստասյա Ֆիլիպովնան, ի՞նչ եք կարծում։ Ախր ես մինչև հիմա նրան ոչ մի անգամ չէի տեսել, չնայած շատ էի աշխատում։ Ուղղակի շլացրեց։ Ես Գանկային ամեն ինչ կներեի, եթե սիրուց դրդված աներ, բայց ինչո՞ւ է փող վերցնում, սա է դժբախտությունը։

— Այո, ձեր եղբայրն ինձ այնքան էլ դուր չի գալիս։

— Ինչ խոսք։ Նրանից հետո, որ ձեզ... Բայց գիտե՞ք, ես տանել չեմ կարող այդ զանազան կարծիքները։ Մի որևէ խելագար կամ հիմար, կամ չարագործ, խելագար վիճակում ապտակ կհասցնի, և ահա մարդն ամբողջ կյանքում անպատված է և այդ անարգանքն այլ կերպ չի կարող սրբվել, քան արյամբ, կամ որ նրանից ծնկաչոք ներողություն խնդրեն։ Իմ կարծիքով դա անհեթեթ բան է և բռնակալություն։ Դրա վրա է հիմնված Լերմոնտովի «Դիմակահանդես» դրաման, և, իմ կարծիքով, հիմար բան է։ Այսինքն՝ ես ուզում եմ ասել, անբնական է։ Բայց չէ՞ որ նա այդ դրաման համարյա մանուկ հասակում է գրել։

— Ինձ ձեր քույրը շատ դուր եկավ։

— Ինչպե՜ս թքեց Գանկայի ռեխին։ Համարձակն է Վարկան։ Իսկ դուք չթքեցիք, և ես համոզված եմ, որ դա համարձակության պակասությունից չէր։ Բայց ահա և նա ինքը, անունը տուր, սուփրան բաց արա։ Ես գիտեի, որ նա կգա, նա ազնիվ է, թեև թերություններ ունի։

— Իսկ դու այստեղ գործ չունես,— ամենից առաջ նրա վրա հարձակվեց Վարյան,— գնա հայրիկի մոտ։ Նա ձեզ ձանձրացնո՞ւմ է, իշխան։

— Բոլորովին ոչ, ընդհակառակը։

— Դե, ավագ քույր, սկսե՜ց։ Ահա հենց սա է նրա մեջ վատը։ Ի դեպ, ախր ես կարծում էի, թե հայրս հավանաբար Ռոգոժինի հետ կգնա։ Երևի հիմա զղջում է։ Իսկապես, տեսնեմ, թե ինչ է անում,— ավելացրեց Կոլյան դուրս գալով։

— Փառք աստծու, մայրիկիս տարա և պառկեցրի, և ոչ մի բան չնորոգվեց։ Գանյան անհարմար վիճակում է և մտախոհ։ Եվ կա մտածելու բան։ Ի՜նչ դաս էր... Ես եկա մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելու և հարցնելու, իշխան, դուք մինչև հիմա չէի՞ք ճանաչում Նաստասյա Ֆիլիպովնային։

— Ոչ, չէի ճանաչում։

― Հապա ինչի՞ հիման վրա ուղղակի նրա երեսին ասացիք, թե նա «այդպիսին չի»։ Եվ, կարծես, կռահեցիք։ Պարզվեց, որ իսկապես, գուցե այդպիսին չէ։ Ասենք, ես նրան չեմ հասկանում, իհարկե, նա վիրավորելու նպատակ ուներ, դա պարզ է։ Ես առաջ էլ նրա մասին տարօրինակ շատ բան եմ լսել։ Բայց եթե նա եկել էր մեզ հրավիրելու, հապա ինչպե՞ս սկսեց վարվել մայրիկի հետ։ Պտիցինը նրան շատ լավ է ճանաչում, նա ասում է, որ նույնիսկ հասկանալ չկարողացավ նրան քիչ առաջ։ Իսկ Ռոգոժինի հե՞տ։ Այդպես չի կարելի խոսել քո․․․ փեսացուի տանը, եթե քեզ հարգում ես։ Մայրիկս էլ շատ է անհանգստանում ձեր մասին։

— Ոչինչ,— ասաց իշխանն ու ձեռքը թափ տվեց։

— Եվ ինչպես նա ձեզ լսեց...

— Ի՞նչ լսեց։

— Դուք նրան ասացիք, որ ամոթ է, և նա հանկարծ ամբողջովին փոխվեց։ Դուք նրա վրա ազդեցություն ունեք, իշխան,― ավելացրեց Վարյան՝ հազիվ նկատելի քմծիծաղով։

Դուռը բացվեց և բոլորովին անսպասելի ներս մտավ Գանյան։

Նա նույնիսկ չտատանվեց, տեսնելով Վարյային, մի պահ կանգնեց շեմքին և հանկարծ վճռականորեն մոտեցավ իշխանին։

— Իշխան, ես ստոր բան արեցի, ներեցեք ինձ, աղավնյակս,— ասաց նա հանկարծ մեծ զգացմունքով։ Նրա դիմագծերն արտահայտում էին ուժգին ցավ։ Իշխանը նայում էր ապշած և միանգամից չպատասխանեց։— Դե, ներեցեք, դե ներեցեք,— անհամբեր պնդում էր Գանյան,— դե, ուզո՞ւմ եք, ես հիմա ձեր ձեռքը կհամբուրեմ։

Իշխանն արտակարգ զարմացած ու լուռ, երկու ձեռքով գրկեց Գանյային։ Երկուսն էլ անկեղծորեն համբուրվեցին։

— Ես բոլորովին, բոլորովին չէի կարծում, թե դուք այդպիսին եք,— ասաց, վերջապես, իշխանը, դժվարությամբ շունչը ետ բերելով,— ես կարծում էի, թե դուք․․․ ընդունակ չեք։

— Ներողությո՞ւն խնդրելու․․․ Եվ ինչո՞ւ, ինչու այն ժամանակ ես մտածեցի, թե դուք ապուշ եք։ Դուք նկատում եք այն, ինչ ուրիշները երբեք չեն նկատի։ Ձեզ հետ կարելի կլիներ խոսել, բայց... ավելի լավ է չխոսենք։

— Ահա մեկ էլ ումից ներողություն խնդրեցեք,― ասաց իշխանը, ցույց տալով Վարյային։

— Ոչ, դրանք բոլորն արդեն իմ թշնամիներն են։ Հավատացած եղեք, իշխան, շատ փորձեր են եղել, այստեղ անկեղծորեն չեն ներում,— տաք-տաք դուրս թռավ Գանյայի բերանից և նա Վարյայից շրջեց երեսը։

— Ոչ, կներեմ,— ասաց հանկարծ Վարյան։

— Եվ երեկոյան կգա՞ս Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ։

— Կգամ, եթե հրամայես, բայց լավ է ինքդ դատես. հիմա որևէ կերպ հնարավոր կլինի՞ իմ գալը։

— Ախր նա այդպիսին չէ։ Նա, տեսնո՞ւմ ես, ինչ հանելուկներ է առաջարկում։ Ֆոկուսնե՜ր,— և Գանյան չար ծիծաղեց։

— Ինքս էլ գիտեմ, որ այդպիսին չէ և ֆոկուսներ ունի, բայց ինչպիսի՜։ Եվ մեկ էլ, տես, Գանյա, նա ինքը քեզ ինչի տեղ է դնում։ Շատ էլ նա մայրիկի ձեռքը համբուրեց։ Շատ էլ դրանք ինչ֊որ ֆոկուսներ են, բայց չէ՞ որ, համենայն դեպս, նա ծիծաղում էր քեզ վրա։ Դա յոթանասունհինգ հազար չարժի, աստված վկա, եղբայր։ Դու դեռ ընդունակ ես ազնիվ զգացմունքների, դրա համար էլ ասում եմ քեզ։ Լսիր, մի՛ գնա ինքդ էլ։ Զգուշացի՛ր։ Դա չի՛ կարող լավ վերջանալ։

Այդ ասելով, Վարյան դուրս եկավ սենյակից ամբողջովին հուզված...

— Ահա, նրանք բոլորն այդպե՜ս են,― ասաց Գանյան քմծիծաղով,― և մի՞թե նրանք կարծում են, որ ես ինքս դա չգիտեմ։ Ախր ես նրանցից շատ ավելին գիտեմ։

Այդ ասելով, Գանյան նստեց բազմոցին, ըստ երևույթին ցանկանալով շարունակել այցելությունը։

— Եթե ինքներդ գիտեք,— հարցրեց իշխանը բավական երկչոտ,― հապա ինչպե՞ս եք այդպիսի տանջանք ընտրել, գիտենալով, որ իրոք, դա յոթանասունհինգ հազար չարժի։

— Ես դրա՛ մասին չեմ ասում,— քրթմնջաց Գանյան,— բայց, ի դեպ, ասացեք ինձ, ինչպե՞ս եք կարծում, ես հենց ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, արժի՞ արդյոք այդ «տանջանքը» յոթանասունհինգ հազար, թե՞ չարժի։

— Իմ կարծիքով, չարժի։

— Դե, պարզ է։ Եվ այդպես ամուսնանա՞լն էլ ամոթ է։

— Շատ ամոթ է։

— Դե, ուրեմն գիտցեք, որ ես կամուսնանամ, և հիմա արդեն անպայման։ Դեռ քիչ առաջ տատանվում էի, իսկ հիմա արդեն ոչ։ Մի խոսեք։ Ես գիտեմ, ինչ եք ուզում ասել․․․

— Ես այն չեմ ուզում ասել, ինչ կարծում եք, այլ ինձ շատ է զարմացնում ձեր չափազանց վստահությունը․․․

— Ինչի՞ն։ Ի՞նչ վստահություն։

— Նրան, որ Նաստասյա Ֆիլիպովնան անպայման ձեզ մարդու կգնա և որ այդ ամենը արդեն վերջացած է, և երկրորդ, եթե նույնիսկ մարդու էլ գնար, յոթանասունհինգ հազարը ուղղակի ձեր գրպանը կմտնի։ Ասենք, իհարկե, ես այստեղ շատ բան չգիտեմ։

Գանյան ուժեղ շարժվեց իշխանի կողմը։

— Իհարկե, դուք ամեն ինչ չգիտեք,— ասաց նա,— և ինչո՞ւ պիտի ես այդ ամբողջ բեռը ընդունեի։

— Ես կարծում եմ, որ դա շատ հաճախ է պատահում․ ամուսնանում են փողի հետ, իսկ փողը կնոջ ձեռքին է լինում։

— Ո֊ոչ, մերն այդպես չի լինի... այստեղ... այստեղ հանգամանքներ կան,― մրթմրթաց Գանյան անհանգիստ մտածմունքով։— Իսկ ինչ վերաբերում է նրա պատասխանին, ապա դրանում արդեն կասկած չկա,— ավելացրեց նա արագ։— Դուք ինչի՞ց եք եզրակացնում, որ նա ինձ կմերժի։

— Ես ոչինչ չգիտեմ բացի նրանից, ինչ տեսա. ահա Վարվառա Արդալիոնովնան էլ հիմա ասում էր...

— Է՜։ Նրանք այնպես, չգիտեն, թե ինչ ասեն։ Իսկ Ռոգոժինի վրա նա ծիծաղում էր, համոզված եղեք, դա ես նկատեցի։ Դա երևում էր։ Ես այն ժամանակ վախեցա, իսկ հիմա նկատեցի։ Կամ, թերևս այն, թե նա ինչպես վարվեց մորս ու հորս և Վարյայի հե՞տ։

— Եվ ձեզ հետ։

― Թերևս, բայց այստեղ կանացի տարօրինակ վրիժառություն է, և ուրիշ ոչինչ։ Նա սարսափելի բորբոքվող, կասկածամիտ և ինքնասեր կին է։ Իսկական չինովնիկ, որի աստիճանը բարձրացնելն անտեսել են. նա ուզում էր ցույց տալ իրեն և իր ողջ արհամարհանքը նրանց նկատմամբ․․․ և իմ նկատմամբ, դա ճիշտ է, ես չեմ ժխտում․․․ Բայց և այնպես կամուսնանա ինձ հետ։ Ձեր մտքովն էլ չի անցնում, թե ինչ ֆոկուսների է ընդունակ մարդկային ինքնասիրությունը, ահա նա ինձ սրիկա է համարում այն բանի համար, որ ես նրան՝ ուրիշի սիրուհուն, այսպես բացահայտ առնում եմ նրա փողերի համար, իսկ չգիտի էլ, որ մեկ ուրիշը նրան ավելի սրիկայաբար կխաբեր, կկպչեր նրան ու կսկսեր նրա առաջ ազատամիտ֊առաջադիմական բաներ շաղ տալ, և կանացի զանազան հարցերից առաջ քաշել, այդ դեպքում նա ամբողջովին թելի պես կանցներ նրա ասեղի ծակով։ Կհամոզեր այդ ինքնասեր հիմարին (և այնպես հեշտ), որ նրան առնում է միայն «սրտի ազնվության և դժբախտությունների համար», իսկ ինքը, համենայն դեպս, փողի հետ կամուսնանար։ Ես այստեղ դուր չեմ գալիս, որովհետև պոչ խաղացնել չեմ ուզում, բայց պետք էր որ խաղացնեի։ Իսկ ի՞նքն ինչ է անում։ Մի՞թե նույնը չի անում։ Ուրեմն դրանից հետո էլ ինչո՞ւ է ինձ արհամարհում և այդ խաղերը սարքում։ Նրա համար, որ ես ինքս անձնատուր չեմ լինում և հպարտություն եմ ցուցաբերում։ Բայց կտեսնե՜նք։

— Մի՞թե մինչ այդ դուք նրան սիրում էիք։

— Սկզբում սիրում էի։ Բայց բավական է... կանայք կան, որոնք պիտանի են միայն սիրուհի լինելու և ուրիշ ոչինչ։ Ես չեմ ասում, թե նա իմ սիրուհին է եղել։ Եթե կուզենա հանդարտ ապրել, ես էլ հանդարտ կապրեմ, իսկ եթե ապստամբի, անմիջապես բաց կթողնեմ, իսկ փողը հետս կվերցնեմ։ Ես ծիծաղելի լինել չեմ ուզում, ամենից առաջ չեմ ուզում լինել ծիծաղելի։

— Ինձ շարունակ թվում է,— զգուշությամբ նկատեց իշխանը,— որ Նաստասյա Ֆիլիպովնան խելացի է։ Նրա ինչի՞ն է պետք, այդպիսի տանջանքը նախազգալով, թակարդն ընկնել։ Չէ՞ որ կարող էր ուրիշի հետ էլ ամուսնանալ։ Ահա թե ինչն է ինձ զարմացնում։

― Ահա հենց այստեղ է հաշիվը։ Դուք այստեղ ամեն ինչ չգիտեք, իշխան... այստեղ... և, բացի այդ, նա համոզված է, որ խելագարի պես սիրում եմ նրան, երդվում եմ, և, գիտե՞ք, խիստ կասկածում եմ, որ նա էլ ինձ է սիրում, այսինքն՝ յուրովի, առածը գիտեք. «Ում որ սիրում եմ, նրան էլ ծեծում եմ»։ Նա ամբողջ կյանքում ինձ ագուռի վալետ կհամարի (գուցե նրան հենց այդ էլ պետք է) և համենայն դեպս յուրովի կսիրի․ նա դրան է պատրաստվում, բնավորությունն այդպիսին է։ Ես ձեզ կասեմ, նա չափազանց ռուս կին է. դե, իսկ ես նրան իմ սյուրպրիզը կպատրաստեմ։ Այդ քիչ առաջվա տեսարանը Վարյայի հետ պատահմամբ տեղի ունեցավ, բայց ինձ օգուտ էր․ նա հիմա տեսավ և համոզվեց իմ նվիրվածությանը և այն, որ նրա համար բոլոր կապերս կխզեմ։ Նշանակում է, մենք էլ հիմար չենք, համոզված եղեք։ Ի դեպ, հո չե՞ք մտածում, որ ես այսպիսի շաղակրատն եմ։ Ես, աղավնյակ իշխան, գուցե, իսկապես էլ վատ եմ անում, որ ձեզ վստահում եմ։ Բայց հենց նրա համար, որ ազնիվ մարդկանցից դուք առաջինն ինձ պատահեցիք, ես էլ հարձակվեցի ձեզ վրա, այսինքն՝ «հարձակվեցի»֊ն դուք իբրև բառախաղ մի ընդունեք։ Չէ՞ որ քիչ առաջ պատահածի համար դուք չեք բարկանում, հը՞։ Ես ամբողջ երկու տարվա ընթացքում գուցե առաջին անգամն է, որ սրտանց խոսում եմ։ Այստեղ շատ քիչ կան ազնիվ մարդիկ. Պտիցինից ավելի ազնիվը չկա։ Ինչ է, դուք կարծես ծիծաղում եք, թե՞ ոչ։ Սրիկաները սիրում են ազնիվ մարդկանց, դուք այդ չգիտեի՞ք։ Իսկ ես ախր... Բայց, ասենք, ինչո՞վ եմ ես սրիկա, խղճի մտոք ասացեք ինձ։ Ի՞նչ են բոլորը նրա հետևից ինձ սրիկա անվանում։ Եվ գիտե՞ք, նրանց բոլորի և Նաստասյա Ֆիլիպովնայի հետևից ես ինքս էլ ինձ սրիկա եմ անվանում։ Ահա թե որն է սրիկայությունը։

— Ես հիմա արդեն երբեք ձեզ սրիկա չեմ համարի,― ասաց իշխանը,― Քիչ առաջ ես ձեզ արդեն բոլորովին չարագործի տեղ դրի, և հանկարծ դուք ինձ այնպես ուրախացրիք, ահա և դաս՝ առանց փորձ ունենալու, մարդկանց չդատել։ Հիմա տեսնում եմ, որ ձեզ ոչ միայն չարագործ, այլ նույնիսկ չափից ավելի փչացած մարդ չի կարելի համարել։ Դուք, իմ կարծիքով, ուղղակի ամենասովորական մարդն եք, ինչպիսին կարող է լինել, միայն թե շատ թույլ և բոլորովին ոչ ինքնատիպ։

Գանյան խայթիչ քմծիծաղ տվեց իր մեջ, բայց լռեց։ Իշխանը տեսավ, որ իր կարծիքը դուր չեկավ, շփոթվեց և նույնպես ձայնը կտրեց։

— Հայրս ձեզնից փող խնդրե՞ց,— հարցրեց հանկարծ Գանյան։

— Ոչ։

— Կխնդրի, չտաք։ Բայց չէ՞ որ ժամանակին նույնիսկ կարգին մարդ էր, ես հիշում եմ։ Նրան լավ մարդկանց մոտ թողնում էին։ Եվ ինչպե՜ս արագ են վերջանում նրանք բոլորը, այդ հին կարգին մարդիկ։ Հենց որ մի քիչ փոխվում են հանգամանքները, արդեն ոչինչ չի մնում առաջվանից, կարծես վառոդը այրվել է։ Նա առաջ այդպես չէր ստում, հավատացնում եմ ձեզ. առաջ նա միայն չափազանց խանդավառ մարդ էր, և ահա թե ինչի վերածվեց դա։ Իհարկե, կինն է մեղավոր։ Գիտե՞ք, որ նա սիրուհի է պահում։ Նա արդեն լոկ անմեղ սուտասան չի հիմա։ Հասկանալ չեմ կարող մայրիկի համբերատարությունը։ Նա ձեզ պատմե՞ց Կարսի պաշարման մասին։ Կամ այն մասին, թե ինչպես նրա մոխրագույն կողաձին խոսել է սկսել։ Ախր նա մինչև այդտեղ է հասնում։

Եվ Գանյան հանկարծ ուղղակի ծիծաղից թուլացավ։

— Ի՞նչ եք այդպես նայում ինձ,― հարցրեց նա իշխանին։

— Ես զարմանում եմ, որ դուք այդպես անկեղծ ծիծաղեցիք։ Ճշմարիտ, ձեր ծիծաղի մեջ դեռևս մանկական բան կա։ Քիչ առաջ դուք ներս մտաք ու ասում եք. «Ուզո՞ւմ եք, ես ձեր ձեռքը կհամբուրեմ», իսկ և իսկ այդպես երեխաները կհաշտվեին։ Նշանակում է, դուք դեռևս ընդունակ եք այդպիսի խոսքերի ու մղումների։ Եվ հանկարծ սկսում եք մի ամբողջ դասախոսություն կարդալ այդ խավարի և այդ յոթանասունհինգ հազարի մասին։ Ճշմարիտ, այս բոլորը մի տեսակ անհեթեթ է և չի կարող պատահել։

— Եվ ի՞նլ եք ուզում եզրակացնել դրանից։

— Այն, որ արդյոք չափազանց թեթևամտորեն չե՞ք վարվում, արդյոք նախ շուրջներդ չնայե՞ք։ Վարվառա Արդալիոնովնան, գուցե և, ճի՞շտ է ասում։

— Ա՜, բարոյախոսություն։ Որ ես դեռ խոխա եմ, այդ ես ինքս էլ գիտեմ,— տաք֊տաք ընդհատեց Գանյան,— և հենց թեկուզ նրանով, որ ձեզ հետ այսպիսի խոսակցություն բացեցի։ Ես, իշխան, այդ խավարի մեջ հաշվով չեմ մտնում,— շարունակեց նա, խոսք թռցնելով, ինչպես ինքնասիրությունը խոցված երիտասարդ մարդ,— հաշվով ես հավանաբար կսխալվեի, որովհետև թե գլխով, բնավորությամբ դեռ ամուր չեմ։ Ես կրքից, հափշտակությունից մղված եմ մտնում, որովհետև հիմնական նպատակ ունեմ։ Դուք ահա կարծում եք, որ ես յոթանասունհինգ հազարը կստանամ և անմիջապես կառք կգնեմ։ Ո֊ո՜չ, ես այն ժամանակ իմ երրորդ տարվա հին սերթուկը կշարունակեմ մաշել և բոյոր ակումբային ծանոթություններս կխզեմ։ Մեզ մոտ քիչ կան դիմացկուն մարդիկ, թեպետև նրանք բոլորը վաշխառուներ են, իսկ ես ուզում եմ դիմանալ։ Այստեղ գլխավորը մինչև վերջ հասնելն է․ սա է խնդիրը։ Պտիցինը՝ տասնյոթ տարեկան, փողոցում էր քնում, գրչահատ դանակների առևտուր էր անում և կոպեկից էր սկսել. հիմա նա վաթսուն հազար ունի, միայն թե ինչպիսի՜ մարմնամարզությունից հետո։ Ահա հենց այդ մարմնամարզության վրայով ես կթռչեմ և ուղղակի կապիտալից կսկսեմ. տասնհինգ տարի հետո կասեն. «Ահա Իվոլգինը, Հրեից թագավո՜րը»։ Դուք ինձ ասում եք, թե ինքնատիպ մարդ չեմ։ Նկատի ունեցեք, սիրելի իշխան, որ մեր ժամանակի ու ցեղի մարդու համար ոչինչ ավելի վիրավորական չկա, քան այն, որ նրան ասեն, թե նա ինքնատիպ չէ, բնավորությամբ թույլ է, առանց հատուկ տաղանդների է և սովորական մարդ է։ Դուք ինձ չարժանացրիք նույնիսկ լավ սրիկա համարելու և, գիտե՞ք, ես քիչ առաջ դրա համար ուզում էի ձեզ կուլ տալ։ Դուք ինձ ավելի սաստիկ վիրավորեցիք, քան Եպանչինը, որը համարում է (և առանը խոսք ու զրույցի, առանց գայթակղությունների, պարզասրտությունից, նկատի ունեցեք այս), որ ընդունակ եմ կնոջս նրան ծախելու։ Դա, եղբայր, ինձ արդեն վաղուց կատաղեցնում է, և ես ուզում եմ փող ունենալ։ Փող վաստակելով, նկատեցեք, ես կդառնամ վերին աստիճանի ինքնատիպ մարդ։ Փողը ամենից ավելի նրանով է ստոր ու ատելի, որ նա նույնիսկ տաղանդ է տալիս։ Եվ միշտ կտա, քանի այս աշխարհը կա։ Դուք կասեք, թե այդ բոլորը երեխայավարի է կամ, թերևս, պոեզիա, ինչ կա որ, ավելի ևս ուրախ կլինեմ, իսկ գործը, համենայն դեպս, կարվի։ Մինչև վերջ կհասցնեմ ու կդիմանամ։ Rira bien, qui rira le dernier![12] Ինձ Եպանչինն ինչո՞ւ է այդպես վիրավորում։ Չարաթյունի՞ց, ինչ է։ Բոլորովի՛ն։ Ուղղակի նրա համար, որ ես չափազանց չնչին եմ։ Դե, իսկ այն ժամանակ... բայց, բավական է, և ժամանակն է։ Կոլյան արդեն երկու անգամ քիթը Ներս է խոթել, նա ձեզ ճաշի է կանչում։ Իսկ ես դրսեցի եմ։ Ես մեկ-մեկ կանցնեմ ձեզ մոտ։ Ձեզ համար մեր տանը վատ չի լինի, հիմա ձեզ ուղղակի հարազատի տեղ կդնեն։ Դե, տեսեք, չմատնեք։ Ինձ թվում է, որ ես ու դուք կամ բարեկամներ, կամ թշնամիներ կլինենք։ Իսկ ի՞նչ եք կարծում, իշխան, եթե ես քիչ առաջ ձեր ձեռքը համբուրեի (ինչպես որ անկեղծորեն հանձն առա), հետագայում դրա համար ձեր թշնամին կդառնայի՞։

— Անպայման կդառնայիք, միայն ոչ ընդմիշտ, հետո չէիք դիմանա ու կներեիք,— վճռեց իշխանը՝ փոքր֊ինչ մտածելով ու ծիծաղելով։

— Էհե՜, ձեզ հետ պետք է ավելի զգույշ լինել։ Գրողը տանի, դուք այստեղ էլ թույն լցրիք։ Իսկ ո՞վ գիտի, գուցե դուք ինձ հենց թշնամի եք։ Ի դեպ, հա՜֊հա՜֊հա՜։ Նույնիսկ մոռացա հարցնել, ինձ արդյոք ճի՞շտ թվաց, որ կարծես թե Նաստասյա Ֆիլիպովնան ձեզ շատ է դուր գալիս։

— Այո... դուր է գալիս։

— Սիրահարվա՞ծ եք։

— Ո֊ոչ։

— Բայց ամբողջովին շիկնեց ու տանջվում է։ Դե, ոչինչ, ոչինչ, չեմ ծիծաղի․ ցտեսություն։ Իսկ գիտե՞ք, որ նա առաքինի կին է, կարո՞ղ եք դրան հավատալ։ Դուք կարծում եք նա ապրո՞ւմ է այն Տոցկու հետ։ Ո֊ո՜չ։ Եվ արդեն վաղուց։ Իսկ նկատեցի՞ք, որ նա ինքը սաստիկ ամաչկոտ է և այն ժամանակ որոշ րոպեներ շփոթվում էր։ Իրավ։ Ահա հենց այդպիսիներն են, որ սիրում են իշխել։ Դե, մնաք բարով։

Գանեչկան դուրս եկավ ավելի սանձարձակ, քան ներս էր մտել և լավ տրամադրությամբ։ Իշխանը մի տասը րոպե մնացել էր անշարժ ու մտածում էր։

Կոլյան դարձյալ գլուխը ներս խոթեց դրսից։

— Ես չեմ ուզում ճաշել, Կոլյա, ես քիչ առաջ Եպանչինների մոտ լավ նախաճաշեցի։

Կոլյան դռնից ներս մտավ և իշխանին մի տոմսակ տվեց։ Դա գեներալից էր, ծալված ու կնքած։ Կոլյայի դեմքից երևում էր, թե նրա համար որքան ծանր էր դա հանձնելը։ Իշխանը կարդաց, վեր կացավ ու վերցրեց գլխարկը։

— Դա երկու քայլի վրա է,― շփոթված ասաց Կոլյան։— Նա հիմա այնտեղ նստած է՝ շիշն առաջին։ Եվ ինչո՞վ է այնտեղ վարկ ձեռք բերել, հասկանալ չեմ կարող։ Իշխան, հոգյակ, խնդրում եմ, հետո այստեղ իմ մասին չասեք մերոնց, որ ձեզ տոմսակ եմ հանձնել։ Հազար անգամ երդվել եմ այդ տոմսակները չհանձնել, բայց մեղքս գալիս է. մեկ էլ ահա թե ինչ, նրանից մի քաշվեք. տվեք մի չնչին գումար և վերջ։

— Ես ինքս էլ, Կոլյա, մտադիր էի. ինձ պետք էր տեսնել ձեր հայրիկին... մի առիթով... Գնանք, ուրեմն։

XII

Կոլյան իշխանին ուղեկցեց մինչև Lիտեյնայա, մի սրճարան֊բիլիարդանոց, ցածի հարկում, մուտքը փողոցի կողմից։ Այստեղ աջակողմյան անկյունում, առանձին սենյակում, ինչպես սովորական հին հաճախորդ, տեղավորվել էր Արդալիոն Ալեքսանդրովիչը, շիշն առաջը գրած փոքրիկ սեղանին և իրոք «Independance Belցe»֊ի ձեռքին։ Նա սպասում էր իշխանին. հենց որ տեսավ, անմիջապես մի կողմ դրեց լրագիրը և սկսեց տաք֊տաք երկար֊բարակ մի բացատրություն, որից, ի դեպ, իշխանը գրեթե ոչինչ չհասկացավ, որովհետև գեներալը արդեն համարյա պատրաստ էր։

— Տասը ռուբլի ես չունեմ,— ընդհատեց իշխանը,— Բայց ահա քսանհինգ, մանրեցեք և տասնհինգը ինձ տվեք, որովհետև ես ինքս էլ մնում եմ առանց կոպեկի։

— Օ, անկասկած, և վստահ եղեք, որ դա իսկույն ևեթ...

— Բացի այդ, ես մի ուրիշ խնդիրք ունեմ, գեներալ։ Դուք երբե՞ք չեք եղել Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ։

— Ե՞ս։ Ե՞ս չեմ եղել, դուք այդ ի՞նձ եք ասում։ Մի քանի անգամ, սիրելիս, մի քանի անգամ,— բղավեց գեներալն ինքնագոհ և հաղթական իրոնիայի նոպայով,— բայց ես, վերջապես, ինքս վերջ տվի, որովհետև չեմ ուզում խրախուսել անվայելուչ միությունը։ Դուք ինքներդ տեսաք, դուք վկա էիք այս առավոտ, ես արեցի այն ամենը, ինչ կարող էր անել հայրը, բայց հեզ և ներողամիտ հայրը, իսկ հիմա բեմ դուրս կգա մի ուրիշ տեսակի հայր, և այն ժամանակ կտեսնեք, կնայեք, արդյոք վաստակած հին զորակա՞նը կհաղթահարի ինտրիգը, թե՞ անամոթ կամելիան կմտնի ազնվաբարո ընտանիքը։

— Իսկ ես հենց ուզում էի ձեզ խնդրել, չե՞ք կարող դուք, որպես ծանոթ, այսօր երեկոյան ինձ տանել Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ։ Դա ինձ պետք է անպայման հենց այսօր, ես գործ ունեմ, բայց ես բոլորովին չգիտեմ, թե ինչպես մտնեմ։ Ինձ այն ժամանակ ծանոթացրին, բայց չհրավիրվեցի, այսօր այնտեղ հրավիրյալ երեկույթ է։ Ես, ի դեպ, պատրաստ եմ թռչել որոշ քաղաքավարությունների վրայից, և նույնիսկ թող վրաս ծիծաղեն, միայն թե մի կերպ մտնեմ։

— Եվ դուք միանգամայն, միանգամայն իմ միտքն արտահայտեցիք, իմ երիտասարդ բարեկամ,— բացականչեց գեներալը հիացմունքով,— ես ձեզ այս մանրուքի համար չէի կանչել,— շարունակեց նա, ընդսմին չանթելով փողը և ուղարկելով իր գրպանը,— ես հենց կանչում էի ձեզ, որպեսզի հրավիրեի ընկերանալու դեպի Նաստասյա Ֆիլիպովնան արշավելու, կամ, ավելի լավ է ասել, Նաստասյա Ֆիլիպովնայի վրա արշավելու։ Գեներալ Իվոլգինը և իշխան Մի՜շկիՆը։ Ի՜նչ տպավորություն կգործի սա նրա վրա։ Իսկ ես, նրա ծննդյան օրը, սիրալիրության անվան տակ, վերջապես, կբարբառեմ իմ կամքը, անուղղակի, ոչ ուղղակի, բայց ամեն ինչ կլինի կարծես թե նաև ուղղակի։ Այն ժամանակ Գանյան ինքը կտեսնի, թե ինչպես վարվի, արդյոք վաստակած և... այսպես ասած... և այլն հա՞յրը, թե... բայց ինչ լինելու է, այն էլ կլինի։ Ձեր իդեան վերին աստիճանի արգասավոր է։ Ժամը իննին մենք կգնանք, մենք դեռ ժամանակ ունենք։

— Նա որտե՞ղ է ապրում։

— Այստեղից հեռու է. Մեծ թատրոնի մոտ, Միտովցովայի տանը, համարյա հենց հրապարակի վրա, գեղահարկում... Նրա մոտ մեծ հավաքույթ չի լինի, շատ էլ որ անվանակոչիկ է, և վաղ կցրվեն...

Վաղուց արդեն երեկո էր. իշխանը դեռ նստած ականջ էր դնում, սպասում էր գեներալին, որն անթիվ-անհամար անեկդոտներ էր սկսում, բայց ոչ մեկը չէր վերջացնում։ Երբ իշխանը եկավ, նա մի նոր շիշ պահանջեց և միայն մի ժամ հետո վերջացրեց այն, հետո մի ուրիշը պահանջեց և դա էլ վերջացրեց։ Պետք է ենթադրել, որ այդ ընթացքում գեներալը հասցրեց պատմել համարյա իր ամբողջ պատմությունը։ Վերջապես, իշխանը վեր կացավ և ասաց, որ այլևս չի կարող սպասել։ Գեներալը շշից խմեց վերջին տակուցքը, վեր կացավ և դուրս եկավ սենյակից, ոտները շատ անհաստատ փոխելով։ Իշխանը հուսահատված էր։ Նա չէր կարող հասկանալ, թե ինչպե՞ս կարող էր այդպես հիմարաբար վստահել։ Ըստ էության նա երբեք չէր էլ վստահել, նա հույսը դրել էր գեներալի վրա, որպեսզի միայն որևէ կերպ մտներ Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ, թեկուզև որոշ սկանդալի գնով, բայց չէ՞ որ նկատի չուներ արտակարգ սկանդալ. դուրս եկավ, որ գեներալը բոլորովին հարբած էր, սաստիկ պերճախոսությամբ տարված, և խոսում էր առանց դադարի, զգացված, հոգում արցունքներ։ Խոսքը շարունակ այն մասին էր, որ իր ընտանիքի բոլոր անդամների վատ վարքի պատճառով ամեն ինչ կործանվում էր, և որ, վերջապես, ժամանակն է այդ ամենին վերջ տալու։ Նրանք վերջապես դուրս եկան Լիտեյնայա։ Հալոցքը դեռ շարունակվում էր. վհատ, գաղջ, խոնավ քամին սուլում էր փողոցներում, կառքերը շլմփում էին ցեխի մեջ, վարգուն ձիերն ու յաբուները պայտերը զրնգուն խփում էին սալահատակին։ Հետիոտն անցորդները վհատ ու թրջված ամբոխով թափառում էին մայթերի վրա։ Պատահում էին հարբածներ։

— Տեսնո՞ւմ եք այդ լուսավորված գեղահարկերը,— ասում էր գեներալը,— այստեղ են ապրում իմ բոլոր ընկերները, իսկ ես, որ առավել երկար եմ ծառայել և առավել տուժել, ես հետիոտն քարշ եմ գալիս դեպի Մեծ թատրոն, մի կասկածելի կնոջ բնակարան։ Մի մարդ, որի կրծքում տասներեք գնդակ կա... չե՞ք հավատում։ Մինչդեռ միայն ինձ համար Պիրոգովը Փարիզ հեռագրեց և ժամանակավորապես հեռացավ պաշարված Սևաստոպոլից, իսկ Նելատոնը՝ Փարիզի արքունի բժիշկը, հանուն գիտության ազատ անցագիր ձեռք բերեց և պաշարված Սևաստոպոլ եկավ ինձ քննելու։ Այդ մասին ամենաբարձր հրամանատարությանը հայտնի է. «Հա՜, դա այն Իվոլգի՞նն է, որի կրծքում տասներեք գնդակ կա»... Ահա՛ թե ինչպես են ասում։ Տեսնո՞ւմ եք այս տունը, իշխան։ Այստեղ, գեղահարկում ապրում է հին ընկերս՝ գեներալ Սոկոլովիչը, ամենաազնիվ և ամենաբազմանդամ ընտանիքով։ Ահա այս տունը և երեք տուն Նևսկու վրա, մեկ էլ երկու տուն Մորսկայա փողոցի վրա — ահա իմ այժմյան ծանոթության ողջ շրջանակը, այսինքն, իսկն ասած, իմ անձնական ծանոթության։ Նինա Ալեքսանդրովնան արդեն վաղուց է հնազանդվել հանգամանքներին։ Իսկ ես դեռ շարունակում եմ մտաբերել... և, այսպես ասած, հանգստանալ նախկին ընկերներիս և ստորադրյալներիս ուսյալ միջավայրում, որոնք մինչև հիմա ինձ պաշտում են։ Այս գեներալ Սոկոլովիչը (ի դեպ, վաղուց է նրա մոտ չեմ եղել և Աննա Ֆյոդորովնային չեմ տեսել)․․․ գիտե՞ք, սիրելի իշխան, երբ ինքդ չես ընդունում, ակամա դու էլ դադարում ես ուրիշների մոտ գնալուց։ Մինչդեռ․․․ հըմ․․․ դուք, կարծես, չեք հավատում․․․ Ի դեպ, ինչո՞ւ իմ մանկության լավագույն բարեկամի ու ընկերոջ որդուն չմտցնեմ այս հմայիչ ընտանեկան տունը։ Գեներալ Իվոլգինը և իշխան Մի՜շկինը։ Դուք կտեսնեք մի հրաշագեղ աղջիկ, ասենք, ոչ մեկ, երկու, նույնիսկ երեք, մայրաքաղաքի և հասարակության զարդը, գեղեցկություն, կրթություն, ուղղություն... կանանց հարց, բանաստեղծություններ, այդ բոլորը միացել է որպես մի երջանիկ բազմազան խառնուրդ, չհաշված առնվազն ութսուն հազար ռուբլի զուտ փողով հաշված օժիտը յուրաքանչյուրին, որը երբեք ոչ մի կանանց և սոցիալական հարցի դեպքում չի խանգարում... մի խոսքով, ես անպայման, անպայման պետք է և պարտավոր եմ ձեզ ծանոթացնել։ Գեներալ Իվոլգինը և իշխան Մի՜շկինը։

— Հիմա՞, ա՞յժմ։ Բայց դուք մոռացաք,— սկսեց իշխանը։

— Ես ոչինչ, ոչինչ չեմ մոռացել, գնանք։ Այստե՛ղ, դեպի այս հոյակապ սանդուղքը։ Զարմանում եմ, ինչպե՞ս է, որ բարապան չկա, բայց... տոն է, և բարապանը բացակայում է։ Դեռ չեն վռնդել այդ հարբեցողին։ Այդ Սոկոլովիչը իր կյանքի ու ծառայության ամբողջ երջանկությամբ պարտական է ինձ, միմիայն ինձ և ուրիշ ոչ ոքի, բայց... ահա և այստեղ ենք։

Իշխանն այլևս այցելությանը չէր առարկում և հնազանդ հետևում էր գեներալին, որպեսզի չգրգռի նրան, հաստատ հույս ունենալով, որ գեներալ Սոկոլովիչն ու ամբողջ ընտանիքը կամաց֊կամաց միրաժի պես կցնդեն, կպարզվի, որ գոյություն չունեն, և իրենք ամենայն հանգստությամբ ետ կիջնեն սանդուղքից։ Բայց, ի սարսափ իր, նա սկսեց կորցնել այդ հույսը, գեներալը նրան սանդուղքով վեր էր տանում, ինչպես մի մարդ, որ իրոք ծանոթներ ունի այստեղ, և րոպեն մեկ մաթեմատիկական ճշգրտություն պարունակող կենսագրական և տեղագրական ծանոթություններ էր տալիս։ Վերջապես, երբ արդեն գեղահարկը բարձրանալով կանգ առան աջ կողմում մի հարուստ բնակարանի դռան առաջ, և գեներալը բռնեց զանգակի կոթը, իշխանը վերջնականապես որոշեց փախչել. բայց մի տարօրինակ հանգամանք մի րոպեով նրան ետ պահեց։

— Դուք սխալվեցիք, գեներալ,— ասաց նա,— դռան վրա գրված է Կուլակով, իսկ դուք զանգ եք տալիս Սոկոլովիչին։

— Կուլակով... Կուլակովը ոչինչ չի ապացուցում։ Բնակարանը Սոկոլովիչինն է, և ես զանգ եմ տալիս Սոկոլովիչին, թքած Կուլակովի վրա... ահա և բացում են։

Դուռը իրոք բացվեց։ Լակեյը դուրս նայեց և ազդարարեց, որ «տերերը տանը չեն»։

— Ափսոս, ափսոս, և կարծես թե հակառակի պես,— խորագույն ափսոսանքով մի քանի անգամ կրկնեց Արդալիոն Ալեքսանդրովիչը։— Զեկուցեք, ուրեմն, սիրելիս, որ գեներալ Իվոլգինն ու իշխան Միշկինը ուզում էին անձնապես իրենց հարգանքը մատուցել և չափազանց, չափազանց ափսոսում են...

Այդ րոպեին սենյակներից բաց դռնով դուրս նայեց ևս մի դեմք, ըստ երևույթին տան տնտեսուհու, գուցե նույնիսկ տնային դաստիարակչուհու, մուգ զգեստ հագած, մոտ քառասուն տարեկան մի տիկնոջ դեմքը։ Նա մոտեցավ հետաքրքրությամբ ու թերահավատությամբ, լսելով գեներալ Իվոլգինի և իշխան Միշկինի անունները։

— Մարիա Ալեքսանդրովնան տանը չէ,— ասաց նա, առանձնապես ուշադիր նայելով գեներալին,― մեկնել է օրիորդի՝ Ալեքսանդրա Միխայլովնայի հետ, տատիկի մոտ։

— Ալեքսանդրա Միխայլովնան էլ նրա հետ, օ, աստված, ինչպիսի՜ դժբախտություն։ Եվ պատկերացրեք, տիկին, ինձ միշտ այսպիսի դժբախտություն է վիճակվում։ Խոնարհաբար խնդրում եմ հաղորդեցեք իմ ողջույնը, իսկ Ալեքսանդրա Միխայլովնային, որպեսզի միտը բերի... Մի խոսքով հաղորդեցեք նրանց իմ սրտալի ցանկությունը այն բանի, ինչ ինքն իրեն ցանկանում էր հինգշաբթի օրը, երեկոյան, Շոպենի բալլադի հնչյունների ներքո. նա հիշում է... իմ սրտալի՛ ցանկությո ւնը։ Գեներալ Իվոլգին և իշխան Մի՜շկին։

— Չեմ մոռանա,— գլուխ տվևց տիկինը, որ ավելի դյուրահավատ էր դարձել։

Սանդուղքներից իջնելիս, գեներալը դեռ տաք-տաք շարունակում էր ափսոսալ, որ տանը չգտան և որ իշխանը զրկվեց այդպիսի հմայիչ ծանոթությունից։

— Գիտե՞ք, սիրելիս, ես մի քիչ բանաստեղծ եմ հոգով, նկատեցի՞ք։ Ասենք... ասենք, կարծես թե մի քիչ սխալ տեղ էինք գնացել,― եզրակացրեց նա հանկարծ բոլորովին անսպասելի,— Սոկոլովիչները, ես հիմա հիշեցի, ուրիշ տան են ապրում և նույնիսկ, կարծեմ, հիմա Մոսկվայում են։ Այո, ես մի քիչ սխալվեցի, բայց դա․․․ ոչինչ։

— Ես միայն մի բան կուզեի իմանալ,— վհատ նկատեց իշխանը,— արդյոք բոլորովի՞ն դադարեմ ձեզ վրա հույս դնելուց, և մենակ չգնա՞մ։

— Դադարե՞ք։ Հույս դնելո՞ւց։ Մենա՞կ։ Բայց ինչո՞ւ, երբ դա ինձ համար հույժ կարևոր նախաձեռնություն է, որից այնքան բան է կախված իմ ամբողջ ընտանիքի ճակատագրի հարցում։ Բայց, իմ երիտասարդ բարեկամ, դուք վատ եք ճանաչում Իվոլգինին։ Ով ասում է «Իվոլգին», նա ասում է «պատնեշ», հույս դիր Իվոլգինի վրա, ինչպես պատնեշի վրա, ահա ինչպես էին ասում դեռևս այն էսկադրոնում, որտեղից սկսել եմ ծառայությունս։ Միայն թե ճանապարհին մի քանի րոպեով մտնեմ մի տուն, որտեղ ահա արդեն մի քանի տարի է տագնապներից ու փորձություններից հետո հանգստանում է հոգիս...

— Դուք ուզում եք մտնել տո՞ւն։

— Ո՜չ։ Ես ուզում եմ... այրի Տերենտևայի, կապիտան Տերենտևի, իմ նախկին ստորադրյալի․․․ և նույնիսկ բարեկամի այրու մոտ գնալ։ Այստեղ, կապիտանի այրու մոտ, ես վերածնվում եմ հոգով և այստեղ եմ բերում իմ առօրյա դարդ ու ցավերը... Եվ քանի որ հենց այսօր ես բարոյական շատ ծանր բեռ ունեմ, ուստի...

— Ես կարծում եմ, առանց այն էլ մեծ հիմարություն արեցի,— մրթմրթաց իշխանը,— որ քիչ առաջ ձեզ անհանգստացրի։ Ըստ որում դուք հիմա... մնաք բարո՛վ։

— Բայց ես չեմ կարող, ախր չեմ կարող ձեզ բաց թողնել մոտիցս, իմ երիտասարդ բարեկամ,— վրա պրծավ գեներալը,— այրի, ընտանիքի մայր, և իր սրտում թրթռացնում է այն լարերը, որոնք արձագանքում են իմ ողջ էության մեջ։ Նրան արած այցելությունը հինգ րոպե է, այս տանը ես առանց ձևականությունների եմ, ես այստեղ գրեթե ապրում եմ, լվացվեմ, ամենաանհրաժեշտ արդարանքն անեմ, այն ժամանակ կառքով կսլանանք դեպի Մեծ թատրոնը։ Համոզված եղեք, որ ամբողջ երեկո ես ձեր կարիքն ունեմ... Ահա այս տանն է, մենք արդեն հասանք... Ա՜, Կոլյա, դու արդեն այստե՞ղ ես։ Մարֆա Բորիսովնան տա՞նն է, թե՞ դու ինքդ էլ հենց նոր ես եկել։

— Օ ոչ,— պատասխանեց Կոլյան, որ նրանց հանդիպեց հենց տան դարպասում,— ես շատ վաղուց այստեղ եմ, Իպոլիտի հետ, նա վատացել է, այսօր առավոտյան պառկած էր։ Ես հիմա խաղաթղթերի համար կրպակ էի գնում։ Մարֆա Բորիսովնան սպասում է ձեզ։ Միայն, հայրիկ, ո՜ւխ, ինչպես եք...— եզրափակեց Կոլյան, ուշադիր նայելով գեներալի քայլվածքին ու կեցվածքին։— Դե, միասին գնանք։

Հանդիպումը Կոլյայի հետ իշխանին դրդեց գեներալին ուղեկցել նաև Մարֆա Բորիսովնայի մոտ, բայց միայն մի րոպեով։ Իշխանին հարկավոր էր Կոլյան, իսկ գեներալին, համենայն դեպս, որոշեց թողնել և իրեն չէր կարող ներել, որ քիչ առաջ մտածել էր հույսը նրա վրա դնել։ Բարձրանում էին երկար, չորրորդ հարկը, և ետնամուտքով։

— Ուզում եք իշխանի՞ն ծանոթացնել,— ճանապարհին հարցրեց Կոլյան։

— Այո, սիրելիս, ծանոթացնել. գեներալ Իվոլգինը և իշխան Մի՜շկինը, բայց ինչ... ինչպես է... Մարֆա Բորիսովնան...

— Գիտե՞ք, հայրիկ, լավ է չգնաք։ Կուտի՜։ Երրորդ օրն է քթներդ ցույց չեք տվել, իսկ նա փող է սպասում։ Դուք ինչո՞ւ եք նրան փող խոստացել։ Շարունա՜կ այդպես եք անում։ Հիմա տակից դուրս եկեք։

Չորրորդ հարկում կանգ առան մի ցածլիկ դռան առաջ։ Գեներալը ակնհայտորեն վախվխում էր և առաջ էր խցկում իշխանին։

— Իսկ ես այստեղ կմնամ,― մրթմրթում էր նա,— ես ուզում եմ սյուրպրիզ անել...

Կոլյան առաջինը ներս մտավ։ Մոտ քառասուն տարեկան մի տիկին, դեմքը սաստիկ շպարված ու կարմրաներկ քսած, ոտներին տուֆլիներ, կուցավեյկա հագած և մազերը հյուս արած, դռնից դուրս նայեց, և գեներալի սյուրպրիզը անսպասելիորեն հօդս ցնդեց։ Հենց որ տիկինը նրան տեսավ, անմիջապես սկսեց բղավել։

— Ահա՛ նա, ստոր և օձաբարո մարդը, այդպես էլ սպասում էր իմ սիրտը։

— Մտնենք, սա այնպես,— քրթմնջում էր գեներալը իշխանին, դեռևս փորձելով անմեղ ծիծաղով սքողել վիճակր։ Բայց դա «այնպես» չէր։ Խավար ու ցածլիկ նախասենյակով հազիվ մտել էին կես դյուժին հյուսած աթոռներով ու երկու թղթախաղի սեղանով կահավորված նեղլիկ դահքիճը, երբ տանտիրուհին անմիջապես շարունակեց մի տեսակ սերտած֊լալագին և սովորական ձայնով.

― Եվ ամոթ չէ՞, ամոթ չէ՞ քեզ, իմ ընտանիքի բարբարոս ու տիրան, բարբարոս ու վայրա՛գ մարդ։ Ամբողջովին կողոպտեցիր ինձ, հյութերս ծծեցիր և այդքանով էլ դեռ գոհ չե՜ս։ Մինչև ե՞րբ պիտի դիմանամ քեզ, դու, անամոթ ու անխի՛ղճ մարդ։

— Մարֆա Բորիսովնա, Մարֆա Բորի՜սովնա․․․ Սա... իշխան Միշկինն է։ Գեներալ Իվոլգինը և իշխան Միշկինը,— մրթմրթում էր սարսռացող ու ինքն իրեն կորցրած գեներալը։

— Կհավատա՞ք արդյոք,— հանկարծ դիմեց կապիտանի այրին իշխանին,— կհավատա՞ք արդյոք, որ այս անամոթ մարդը չխնայեց իմ որբ երեխաներին։ Ամեն ինչ կողոպտեց, ամեն ինչ քաշեց֊տարավ, ամեն ինչ ծախեց ու գրավ դրեց, ոչինչ չթողեց։ Ես ի՞նչ պիտի անեմ քո պարտամուրհակները, դու, խորամանկ ու անխիղճ մարդ։ Պատասխանիր, խորամանկ, պատասխանիր ինձ, անկշտում սիրտ. ինչո՞վ, ինչո՞վ պիտի կերակրեմ իմ որբ երեխաներին... Ահա հայտնվում է հարբած ու ոտքերի վրա կանգնել չի կարող․․․ ինչո՞վ եմ զայրացրել տեր աստծուն, նողկալի ու այլանդակ խորամանկ, պատասխանի՛ր։

Բայց գեներալը դրա հալը չուներ։

— Մարֆա Բորիսովնա, քսանհինգ ռուբլի․․․ այն ամենը, ինչ կարող եմ ազնվագույն բարեկամիս օգնությամբ։ Իշխա՜ն։ Ես չարաչար սխալվել եմ։ Այդպես է... կյանքը... Իսկ հիմա... ներեցեք, ես թույլ եմ,― շարունակում էր գեներալը, սենյակի մեջտեղում կանգնած և չորս կողմը գլուխ տալով,— ես թույլ եմ, ներեցեք։ Լե՜նոչկա, մի բարձ... սիրելի՜u։

Լենոչկան, ութ տարեկան մի աղջիկ, անմիջապես վազեց բարձի հետևից և դրեց մոմլաթածածկ, կոշտ ու գզգզված բազմոցին։ Գեներալը նստեց բազմոցին, դեռևս շատ բան ասելու մտադրությամբ, բայց հենց որ բազմոցին կպավ, անմիջապես թեքվեց մի կողքի, երեսը շրջեց պատի կողմը և քնեց արդարի քնով։ Մարֆա Բորիսովնան նազկրտան ու վշտաբեկ՝ իշխանին աթոռ առաջարկեց թղթախաղի սեղանի մոտ, ինքը նստեց նրա դիմաց, ձեռքը նեցուկ արեց աջ այտին և սկսեց լուռ հառաչել, իշխանին նայելով։ Երեք փոքրիկ երեխա, երկու աղջիկ ու մի տղա, որոնցից Լենոչկան ամենամեծն էր, մոտեցան սեղանին, երեքն էլ ձեռները դրին սեղանին և նույնպես ուշադիր սկսեցին զննել իշխանին։ Մյուս սենյակից հայտնվեց Կոլյան։

— Շատ ուրախ եմ, որ ձեզ այստեղ հանդիպեցի, Կոլյա,— դիմեց նրան իշխանը,— չե՞ք կարող ինձ օգնել։ Ինձ անպայման անհրաժեշտ է Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ լինել։ Ես քիչ առաջ խնդրեցի Արդալիոն Ալեքսանդրովիչին, բայց ահա նա քնեց։ Ուղեկցեցեք ինձ, որովհետև ոչ փողոցները գիտեմ, ոչ ճանապարհները։ Ասենք, հասցեն ունեմ, Մեծ թատրոնի մոտ, Միտովցևայի տանը։

— Նաստասյա Ֆիլիպովնա՞ն։ Նա երբեք էլ չի ապրել Մեծ թատրոնի մոտ, իսկ հայրս երբեք չի եղել Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ, եթե ուզում եք իմանալ, տարօրինակ է, որ նրանից որևէ բան եք սպասում։ Նա ապրում է Վլադիմիրսկայայի մոտերքը Հինգ անկյան մոտ, դա այստեղից շատ ավելի մոտ է։ Դուք հիմա՞ եք ուզում։ Հիմա տասի կեսն է։ Համեցեք, ես ձեզ կհասցնեմ։

Իշխանն ու Կոլյան անմիջապես դուրս եկան։ Ավա՜ղ, իշխանը կառք նստելու փող չուներ, պետք էր ոտքով գնալ։

— Ես ուզում էի ձեզ ծանոթացնել Իպոլիտի հետ,― ասաց Կոլյան,― նա այդ կուցավեյկավոր կապիտանի կնկա ավագ որդին է և մյուս սենյակումն էր. անառողջ է և այսօր ամբողջ օրը պառկած էր։ Բայց այնպես տարօրինակ է, նա սաստիկ վիրավորկան է, և ինձ թվաց, որ ձեզնից անհարմար կզգա, որովհետև դուք այնպիսի ժամանակ եկաք․․․ Ես համենայն դեպս այնքան անհարմար չեմ զգում, ինչքան նա, որովհետև իմ հայրն է, իսկ նրա՝ մայրը. այստեղ, համենայն դեպս, տարբերություն կա, որովհետև այս դեպքում արական սեռին անպատվություն չկա։ Ասենք, գուցե դա նախապաշարմունք է տվյալ դեպքում սեռերի գերազանցության հարցը։ Իպոլիտը հրաշալի տղա է, բայց նա որոշ նախապաշարմունքների գերի է։

— Ասում եք, նա թոքա՞խտ ունի։

— Այո, կարծես, լավ կլիներ, եթե շուտով մեռներ։ Ես նրա տեղը լինեի, անպայման կուզենայի մեռնել։ Նա եղբայրներին ու քուրերին է խղճում, այ այդ փոքրիկներին։ Եթե հնարավոր լիներ, եթե միայն փող լիներ, ես ու նա առանձին բնակարան կվարձեինք և կտեղավախվեինք մեր ընտանիքներից։ Դա մեր երազն է։ Իսկ գիտե՞ք, որ երբ քիչ առաջ նրան պատմեցի ձեր դեպքի մասին, նա նույնիսկ չարացավ, ասում է՝ նա, ով ներում է ապտակը և մենամարտի չի կանչում, սրիկա է։ Ի դեպ, նա շատ գրգռված է, ես նույնիսկ դադարեցի նրա հետ վիճաբանելուց։ Ահա թե ինչ, ուրեմն, Նաստասյա Ֆիլիպովնան ձեզ իսկույն հրավիրե՞ց իր մոտ։

— Հենց այդ է, որ ոչ։

— Հապա ինչպե՞ս եք գնում,― բացականչեց Կոլյան և նույնիսկ կանգ առավ մայթի մեջտեղը,— և... և այսպիսի հագուստով, իսկ այնտեղ հրավերք է։

— Աստված վկա, չգիտեմ, թե ինչպես եմ մտնելու։ Կնդունեն՝ լավ, չէ՝ նշանակում է, գործը ձախողվում է։ Իսկ հագուստի մասին ի՞նչ կարող եմ անել։

— Իսկ դուք գո՞րծ ունեք։ Թե՞ ուղղակի այնպես «ազնվական հասարակության» մեջ pour passer le temps[13]։

— Ոչ, ես ճիշտն ասած... այսինքն՝ ես գործ ունեմ... Ես դժվարանում եմ դա արտահայտել, բայց...

— Թե ինչ գործով, այդ ինչպես կամենաք, բայց ինձ համար գլխավորն այն է, որ դուք ուղղակի երեսի զոռով չեք ուզում երեկույթ ընկնել, կամելիաների, գեներալների ու վաշխառուների հմայիչ հասարակությունը։ Եթե այդպես լիներ, ներեցեք, իշխան, ես ձեղ վրա կծիծաղեի և կսկսեի ձեզ արհամարհել։ Այստեղ խիստ քիչ են ազնիվ մարդիկ, այնպես որ նույնիսկ մեկը չկա, որին հարգես։ Ակամայից վերևից ես նայում, իսկ նրանք բոլորը հարգանք են պահանջում․ առաջինը Վարյան։ Եվ նկատե՞լ եք, իշխան, մեր դարում բոլորը ավանտյուրիստներ են։ Եվ հենց մեզ մոտ, Ռուսաստանում, մեր սիրելի հայրենիքում։ Եվ ինչպե՞ս է սարքվել այս ամենը, չեմ հասկանում։ Թվում է, այնպես հաստատուն էր կանգնած, իսկ ի՞նչ է հիմա։ Այդ բոլորն են ասում և ամենուրեք գրում։ Մերկացնում են։ Մեզանում բոլորը մերկացնում են։ Առաջինը ծնողներն են ետ֊ետ քաշվում և ամաչում իրենց առաջվա բարոյախոսությունից։ Տեսեք, Մոսկվայում, ծնողն ինքն էր համոզում որդուն ոչ մի բանի առաջ կանգ չառնել փող ձեռք բերելու համար. լրագրերից գիտենք։ Նայեցեք իմ գեներալին։ Ի՞նչ ստացվեց նրանից։ Իսկ, ի դեպ, գիտե՞ք, որ ես կարծում եմ իմ գեներալն ազնիվ մարդ է, աստված վկա, այդպես է։ Այդ ամենը անկարգությունից ու գինուց է։ Աստված վկա, այդպես է։ Նույնիսկ խղճալի է. ես միայն վախենում եմ ասել, որովհետև բոլորը ծիծաղում են, բայց աստված վկա, մեղք է։ Իսկ ի՞նչ կա նրանց՝ խելոքների մեջ։ Բոլորը վաշխառուներ են, բոլորը, մինչև վերջինը։ Իպոլիտը վաշխառությունն արդարացնում է, ասում է, որ այդպես էլ պետք է, տնտեսական ցնցում, ինչ֊որ մակընթացություններ ու տեղատվություններ, գրողը տանի դրանք։ Ես դրա համար շատ բարկանում եմ նրա վրա, բայց նա գազազած է։ Պատկերացրեք, նրա մայրը՝ կապիտանի կնիկը, փողը գեներալից է ստանում և հենց նրան էլ տալիս է տոկոսներով․ սոսկալի ամոթ է։ Իսկ գիտե՞ք, մայրիկը, այսինքն՝ իմ մայրիկը, Նինա Ալեքսանդրովնան, գեներալի կինը, Իպոլիտին փողով, հագուստով, սպիտակեղենով և ամեն ինչով օգնում է, և նույնիսկ մասամբ երեխաներին, Իպոլիտի միջոցով, որովհետև կապիտանի կինը նրանց աչքաթող է արել։ Վարյան էլ է օգնում։

— Ահա տեսնո՞ւմ եք, դուք ասում եք, որ ազնիվ և ուժեղ մարդիկ չկան, և որ բոլորը վաշխառուներ են․ ահա և հայտնվեցին ուժեղ մարդիկ. ձեր մայրը և Վարյան։ Մի՞թե այստեղ և այս հանգամանքներում օգնելը բարոյական ուժի նշան չի։

— Վարկան ինքնասիրությունից դրդված է անում, պարծենկոտությունից, որպեսզի մորից ետ չմնա․ իսկ մայրիկս իսկապես... ես հարգում եմ։ Այո, ես դա հարգում և արդարացնում եմ։ Նույնիսկ Իպոլիտն զգում է, իսկ նա գրեթե բոլորովին գաժանացած է։ Սկզբում պատահում էր, որ ծիծաղում էր և համարում, որ դա ստորություն է մայրիկիս կողմից, բայց հիմա սկսում է երբեմն հասկանալ։ Հըմ։ Ուրեմն դուք դա ո՞ւժ եք անվանում։ Ես դա նկատի կունենամ։ Գանյան չգիտի, թե չէ խրախուսում կանվաներ։

— Իսկ Գանյան չգիտի՞։ Կարծես Գանյան դեռևս շատ բան չգիտի,— դուրս թռավ մտքերի մեջ ընկած իշխանի բերանից։

— Գիտե՞ք, իշխան, դուք ինձ շատ եք դուր գալիս։ Քիչ առաջվա ձեր դեպքը մտքիցս դուրս չի գալիս։

— Դուք էլ ինձ շատ եք դուր գալիս, Կոլյա։

— Լսեցեք, դուք ինչպե՞ս եք մտադիր ապրել այստեղ։ Ես շուտով զբաղմունք կգտնեմ ինձ համար և քիչ ու միչ կվաստակեմ, եկեք ապրենք ես, դուք և Իպոլիտը, բոլոր երեքս միասին, բնակարան վարձենք. իսկ գեներալին կընդունենք մեզ մոտ։

— Ես՝ մեծագույն բավականությամբ։ Բայց մենք, ասենք, կտեսնենք։ Հիմա իմ տրամադրությունը շատ... շատ ընկած է։ Ի՞նչ։ Արդեն հասա՞նք։ Այս տանը... ի՜նչ հոյակապ մուտք է։ Եվ բարապան կա։ Դե, Կոլյա, չգիտեմ սրանից ինչ դուրս կգա։

Իշխանը կանգնել էր գլուխը կորցրած։

— Վաղը կպատմեք։ Շատ էլ մի վախեք։ Աստված ձեզ հաջողություն տա, որովհետև ամեն ինչում ձեր համոզմունքին եմ։ Մնաք բարով։ Ես վերադառնում եմ այնտեղ և կպատմեմ Իպոլիտին։ Իսկ որ ձեզ կընդունեն, դրանում կասկած չկա, մի վախեցեք։ Նա սաստիկ յուրօրինակ է։ Այս սանդուղքով՝ առաջին հարկում, բարապանը ցույց կտա։

XIII

Սանդուղքով բարձրանալիս իշխանը շատ էր անհանգըստանում և ամբողջ ուժով աշխատում էր քաջալերել իրեն։ «Ամենաշատը,— մտածում էր նա,— այն կլինի, որ ինձ չեն ընդունի և որևէ վատ բան կմտածեն իմ մասին կամ, գուցե և ընդունեն, բայց երեսիս ծիծաղեն... է, ոչինչ»։ Եվ իրոք, դա դեռ այնքան էլ չէր վախեցնում նրան, բայց այն հարցը, թե «ինքը ի՞նչ է անելու այնտեղ և ինչո՞ւ է գնում» — այդ հարցին ուղղակի չէր գտնում հանգստացուցիչ պատասխան։ Եթե նույնիսկ որևէ կերպ կարելի լիներ, առիթը որսալով, Նաստասյա Ֆիլիպովնային ասել․ «Մի ամուսնացեք այդ մարդու հետ և ձեզ մի կործանեք, նա ձեզ չի սիրում, այլ սիրում է ձեր փողերը, այդ նա ինքն է ինձ ասել, և ինձ ասել է Ագլայա Եպանչինան, իսկ ես եկել եմ ձեզ հաղորդելու», ապա հազիվ թե դա ճիշտ ստացվեր բոլոր տեսակետներից։

Կար ևս մի չլուծված հարց, և այն աստիճան հիմնական, որ իշխանը վախենում էր նույնիսկ մտածել այդ մասին, նույնիսկ չէր կարող և չէր համարձակվում մտքովն անցկացնել, չգիտեր, թե ինչպես ձևակերպեր, լոկ այդ մտքից կարմրում և սարսռում էր։ Բայց վերջացավ նրանով, որ չնայած այդ բոլոր տագնապներին ու երկմտանքին, նա, համենայն դեպս, ներս մտավ և հարցրեց Նաստասյա Ֆիլիպովնային։

Նաստասյա Ֆիլիպովնան զբաղեցնում էր ոչ այնքան մեծ, բայց իրոք հոյակապ զարդարված մի բնակարան։ Նրա պետերբուրգյան կյանքի այդ հինգ տարում եղավ մի ժամանակ, սկզբում, երբ Աֆանասի Իվանովիչը հատկապես փող չէր խնայում նրա համար, նա այն ժամանակ դեռևս հույս ուներ Նաստասյա Ֆիլիպովնայի սիրուն և մտածում էր գայթակղել նրան, գլխավորապես բարեհարմարությամբ ու ճոխությամբ, գիտենալով, թե որքան հեշտ են պատվաստվում ճոխության սովորությունները և հետո որքան դժվար է դրանցից ետ կանգնելը, երբ ճոխությունը կամաց-կամաց դառնում է անհրաժեշտություն։ Տվյալ դեպքում Տոցկին հավատարիմ էր մնում հին, բարի ավանդություններին, դրանցում չփոխելով ոչինչ, անսահմանորեն հարգելով զգայական ազդեցությունների ողջ անպարտելի ուժը։ Նաստասյա Ֆիլիպովնան ճոխությունից չէր հրաժարվում, նույնիսկ սիրում էր այն, բայց,— և դա չափազանց տարօրինակ էր թվում,— բոլորովին չէր ենթարկվում դրան, կարծես միշտ կարող էր առանց ղրա էլ յոլա գնալ. նույնիսկ աշխատել էր մի քանի անգամ հայտնել այդ մասին, որը տհաճորեն զարմացրել էր Տոցկուն։ Ի դեպ, Նաստասյա Ֆիլիպովնայի մեջ շատ բան կար, որը տհաճորեն, (իսկ հետագայում նույնիսկ արհամարհանքի աստիճան) զարմացնում էր Աֆանասի Իվանովիչին։ Չխոսելով արդեն այն տեսակի մարդկանց աննրբագեղության մասին, որոնց նա երբեմն մերձեցնում էր իրեն, կնշանակի, ուրեմն, որ հակված էր մերձեցնելու, նրա մեջ նկատվում էին նաև մի քանի բոլորովին տարօրինակ հակումներ. դրսևորվում էր երկու ճաշակների ինչ֊որ բարբարոսական խառնուրդ, այնպիսի իրերով ու միջոցներով յոլա գնալու և բավարարվելու ընդունակություն, որոնց գոյությունն իսկ ընդունելը, թվում է, անկարելի էր օրինավոր ու նրբորեն զարգացած մարդու համար։ Իրոք, եթե, օրինակի համար, Նաստասյա Ֆիլիպովնան հանկարծ դրսևորեր որևէ սիրունիկ ու նրբագեղ անգիտություն, ինչպես, ասենք, այն, որ գեղջկուհիները չեն կարող բատիստե սպիտակեղեն հագնել, ինչպիսին հագնում է ինքը, թվում է, Աֆանասի Իվանովիչը դրանից չափազանց գոհ կլիներ։ Սկզբնապես այդ արդյունքներին էր հակված Նաստասյա Ֆիլիպովնայի ողջ դաստիարակությունը ըստ Տոցկու ծրագրի, որն այդ տեսակետից շատ հասկացող մարդ էր. բայց ավա՜ղ, արդյունքները տարօրինակ ստացվեցին։ Սակայն, չնայած դրան, այնուամենայնիվ Նաստասյա Ֆիլիպովնայի մեջ կար և մնում էր մի բան, որը երբեմն նույնիսկ Աֆանասի Իվանովիչին զարմացնում էր իր արտոսովոր ու գրավիչ յուրօրինակությամբ, ինչ֊որ ուժով և երբեմն նրան հրապուրում էր նույնիսկ հիմա, երբ արդեն տապալվել էին Նաստասյա Ֆիլիպովնայի նկատմամբ ունեցած նրա առաջվա բոլոր հաշիվները։

Իշխանին դիմավորեց մի ջահել աղջիկ (Նաստասյա Ֆիլիպովնայի սպասավորները միշտ կանացի սեռի էին լինում) և, ի զարմանս նրա, առանց որևէ տարակուսանքի լսեց նրա խնդիրքը, որ իր մասին զեկուցի։ Ոչ նրա կեղտոտ կոշիկները, ոչ լայնեզր գլխարկը, ոչ անթև թիկնոցը, ոչ շփոթված տեսքը աղջկա մեջ ամենափոքր տատանում չառաջացրին։ Նա հանեց իշխանի թիկնոցը, հրավիրեց ընդունարան սպասելու և անմիջապես զնաց նրա մասին զեկուցելու։

Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ հավաքված հասարակությունը բաղկացած էր նրա ամենասովորական և մշտական ծանոթներից։ Նույնիսկ նախորդ տարեկան հավաքույթների նույնպիսի օրերի համեմատությամբ բավական սակավամարդ էր։ Ներկա էին նախ և առաջ և գլխավորը՝ Աֆանասի Իվանովիչ Տոցկին և Իվան Ֆյոդորովիչ Եպանչինը. երկուսն էլ սիրալիր էին, բայց երկուսն էլ որոշ չափով թաքուն անհանգստության մեջ էին Գանյայի վերաբերյալ արվելիք հայտարարության առթիվ վատ թաքցրած սպասումից։ Բացի նրանցից, հասկանալի է, ներկա էր և Գանյան, նույնպես շատ մռայլ, շատ մտախոհ և նույնիսկ գրեթե բոլորովին «ոչ սիրալիր», որը մեծ մասամբ կանգնում էր մեկուսի, հեռու քաշված և լուռ։ Վարյային բերել նա չվստահեց, բայց Նաստասյա Ֆիլիպովնան նույնիսկ խոսք չէր անում նրա մասին. դրա փոխարեն, հենց որ բարևեց Գանյային, անմիջապես հիշեցրեց նրա և իշխանի միջև տեղի ունեցած տեսարանը։ Գեներալը, որ դեռ տեղյակ չէր դրան, սկսեց հետաքրքրվել։ Այն ժամանակ Գանյան չոր, զուսպ, բայց միանգամայն անկեղծորեն պատմեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել այն ժամանակ և ինչպես ինքը արդեն գնացել էր իշխանի մոտ ներողություն խնդրելու։ Ընդսմին նա տաք֊տաք հայտնեց իր կարծիքը, որ իշխանին շատ տարօրինակ ձևով և աստված գիտի, թե ինչից ելնելով՝ անվանել են «ապուշ, որ ինքը նրա մասին բոլորովին հակառակն է կարծում և որ, ինչ խոսք, նա իր բանը լավ գիտե»։ Նաստասյա Ֆիլիպովնան այդ կարծիքը լսեց մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ հետևում էր Գանյային, բայց խոսակցությունն անմիջապես փոխվեց Ռոգոժինի վրա, որն՝ այնպես հիմնավոր մասնակցել էր առավոտվա պատմությանը և որով նույնպես արտակարգ կերպով հետաքրքրվեցին Աֆանասի Իվանովիչը և Իվան Ֆյոդորովիչը։ Պարզվեց, որ Ռոգոժինի մասին հատուկ տեղեկություններ կարող էր հայտնել Պտիցինը, որը նրա հետ համարյա մինչև երեկոյան ժամը ինը չարչարվում էր նրա գործերը գլուխ բերելու համար։ Ռոգոժինը գործադրում էր բոլոր ուժերը, որպեսզի հենց այսօր ձեռք բերի հարյուր հազար ռուբլի։ «Նա, ճիշտ է, հարբած էր,— նկատեց Պտիցինը,— բայց հարյուր հազարը, ինչքան էլ որ դժվար լինի, կարծես կճարեն նրա համար, միայն չգիտեմ, արդյոք հենց այսօ՞ր և արդյո՞ք ամբողջ գումարը. իսկ աշխատում են ճարել շատերը, Կինդերը, Տրիպալովը, Բիսկուպը, ինչ տոկոս ուզեն՝ տալիս է, իհարկե, ամբողջը հարբած լինելուց և առաջին ուրախությունից․․․»,— եզրափակեց Պտիցինը։ Այդ բոլոր տեղեկություններն ընդունվեցին մասամբ մռայլ հետաքրքրությամբ, Նաստասյա Ֆիլիպովնան լռում էր, ըստ երևույթին, չուզենալով արտահայտվել։ Գանյան նույնպես։ Գեներալ Եպանչինն իր մեջ անհանգստանում էր, համարյա բոլորից ավելի. մարգարիտը, որ ներկայացրել էր դեռևս առավոտյան, ընդունվել էր չափազանց սառն սիրալիրությամբ, և նույնիսկ ինչ֊որ առանձնահատուկ քմծիծաղով։ Բոլոր հյուրերից միայն Ֆերդիշչենկոն էր ամենաուրախ ու տոնական տրամադրության մեջ և երբեմն բարձրաձայն հռհռում էր՝ հայտնի չէ, թե ինչի վրա և այդ էլ լոկ այն պատճառով, որ ինքն էր իր վզին փաթաթել ծաղրածուի դերը։ Ինքը Աֆանասի Իվանովիչը, որ սրամիտ ու նրբաճաշակ պատմողի համբավ ուներ, իսկ անցած ժամանակները այդ երեկույթներին սովորաբար ղեկավարում էր խոսակցությունը, ըստ երևույթին վատ տրամադրության և նույնիսկ մի տեսակ իրեն ոչ հատուկ շփոթմունքի մեջ էր։ Մնացած հյուրերը, որոնք, ի դեպ, շատ չէին (աստված գիտի, թե ինչու հրավիրված մի խղճուկ ծեր ուսուցիչ, չափազանց վեհերոտ և շարունակ լուռ, ինչ֊որ անհայտ և շատ ջահել մարդ, մի քառասնամյա ժիր տիկին՝ դերասանուհիներից, և մի արտակարգ գեղեցիկ, արտակարգ լավ ու հարուստ հագնված և արտասովոր քչախոս երիտասարդ տիկին), ոչ միայն չէին կարող առանձնապես աշխուժացնել խոսակցությունը, այլև երբեմն ուղղակի չգիտեին, թե ինչի մասին խոսեն։

Այսպիսով, իշխանի հայտնվելը նույնիսկ տեղին ստացվեց։ Նրա մասին ազդարարելը տարակուսանք և մի քանի աարօրինակ ժպիտ առաջացրեց, մանավանդ, երբ Նաստասյա Ֆիլիպովնայի զարմացած տեսքից իմացան, որ նա ամենևին էլ չէր մտածել նրան հրավիրել։ Բայց զարմանքից հետո Նաստասյա Ֆիլիպովնան հանկարծ այնքան գոհունակություն ցուցաբերեց, որ մեծամասնությունը իսկույն ևեթ պատրաստվեց անսպասելի հյուրին դիմավորել և ծիծաղելով, և ուրախությամբ։

— Ասենք, սա տեղի ունեցավ նրա անմեղությունից,— եզրակացրեց Իվան Ֆյոդորովիչ Եպանչինը,― և բոլոր դեպքերում այդպիսի հակումները խրախուսելը բավական վտանգավոր է, բայց այս րոպեիս, իրավ, վատ չի, որ նա մտածել է շնորհ բերել, թեկուզև այդպիսի յուրօրինակ ձևով, նա, գուցե և, կզվարճացնի մեզ, գոնե որքան որ կարող եմ դատել նրա մասին։

— Մանավանդ որ իր երեսի զոռով է եկել,― անմիջապես հարեց Ֆերդիշչենկոն։

— Հետո՞ ինչ,— չոր-չոր հարցրեց գեներալը, որն ատում էր Ֆերդիշչենկոյին։

— Այն, որ մուտքի համար կվճարի,— պարզաբանեց վերջինս։

— Դե, իշխան Միշկինը, համենայն դեպս, Ֆերդիշչենկո չի,― չհամբերեց գեներալը, որը մինչև հիմա չէր կարողանում հաշտվել Ֆերդիշչենկոյի հետ նույն հասարակության մեջ և հավասար իրավունքներով գտնվելու մտքի հետ։

— Էյ, գեներալ, խնայեցեք Ֆերդիշչենկոյին,— պատասխանեց սա քմծիծաղ տալով։— Չէ՞ որ ես հատուկ իրավունքներ ունեմ։

― Այդ ի՞նչ հատուկ իրավունքներ ունեք դուք։

— Անցյալ անգամ ես պատիվ ունեցա մանրամասնորեն դա պարզաբանել հասարակությանը, ձերդ գերազանցության համար կկրկնեմ մի անգամ ևս։ Բարեհաճեցեք տեսնել, ձերդ գերազանցություն․ բոլորը սրամտություն ունենք իսկ ես չունեմ սրամտություն։ Ես էլ, ի հատուցումն դրա՝ խնդրելով ձեռք եմ բերել ճշմարտությունն ասելու թույլտվություն, քանի որ բոլորին հայտնի է, որ ճշմարտությունն ասում են միայն նրանք, ովքեր սրամտություն չունեն։ Ըստ որում ես շատ քինախնդիր մարդ եմ, և նույնպես նրա համար, որ սրամտություն չունեմ։ Ես ամեն տեսակ վիրավորանք կկրեմ, բայց մինչև վիրավորողի առաշին անհաջողությունը. հենց առաջին անհաջողության դեպքում անմիջապես հիշեցնում եմ և անմիջապես որևէ բանով վրեժխնդիր լինում, քացի եմ տալիս, ինչպես իմ մասին արտահայտվել է Իվան Պետրովիչ Պտիցինը, որն ինքը, իհարկե, երբեք քացի չի տալիս։ Կռիլովի առածը գիտե՞ք, ձերդ գերազանցություն. «Առյուծն ու Էշը»։ Դե ահա, դա ես և դուք ենք որ կանք, հենց մեր մասին է գրված։

— Դուք, կարծեմ, նորից չափն անցկացրիք, Ֆերդիշչենկո,— բորբոքվեց գեներալը։

— Ի՜նչ եք ասում, ձերգ գերազանցություն,— վրա բերեց Ֆերդիշչենկոն, որն այդպես էլ հաշիվ էր անում, որ կարելի կլինի վրա բերել և ավելի շատ լղոզել,— մի անհանգստացեք, ձերդ գերզանցություն, ես իմ տեղը գիտեմ. եթե ես ասացի, որ ես և դուք Կռիլովի առակի Առյուծն ու Էշն ենք, ապա, իհարկե, Իշու դերը ես վերցնում եմ ինձ վրա, իսկ ձերդ գերազանցությունը Առյուծն է, ինչպես և Կռիլովի առակում ասված է.

Հզոր առյուծը՝ սարսափն անտառի,
Ծերությունից ուժասպառվել էր։

Իսկ ես, ձերդ գերազանցություն, Էշն եմ։

— Վերջինի հետ ես համաձայն եմ,― անզգուշորեն բերանից թռցրեց գեներալը։

Այդ բոլորն արված էր, իհարկե, կոպիտ և կանխամտածված, բայց արդեն այնպես էր ընդունված, որ Ֆերդիշչենկոյին թույլատրվում էր ծաղրածուի դեր խաղալ։

— Ինձ հենց միայն նրա համար են պահում և այստեղ թողնում,— բացականչել էր մի անգամ Ֆերդիշչենկոն,― որ ես հենց այս ոգով խոսեմ։ Դե, մի՞թե իսկապես հնարավոր է ինձ նման մարդուն ընդունել։ Չէ՞ որ ես դա հասկանում եմ։ Դե, մի՞թե կարելի է ինձ, այսպիսի Ֆերդիշչենկոյիս, նստեցնել այնպիսի նրբաճաշակ ջենտլմենի կողքին, ինչպիսին Աֆանասի Իվանովիչն է։ Ակամա մնում է մի բացատրություն. հենց դրա համար էլ նստեցնում են, որ դա երևակայելն իսկ անկարելի է։

Բայց թեպետև կոպիտ, այնուամենայնիվ լինում էր և կծու, իսկ երբեմն նույնիսկ չափազանց և, թվում է, հենց այդ էր, որ դուր էր գալիս Նաստասյա Ֆիլիպովնային։ Անպայման Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ լինել ցանկացողներին մնում էր հանդուրժել Ֆերդիշչենկոյին։ Սա, գուցե և, կռահել էր ամբողջ ճշմարտությունը, ենթադրելով, որ իրեն սկսել են ընդունել հենց այն պատճառով, որ ինքը առաջին իսկ անգամից իր ներկայությամբ անտանելի դարձավ Տոցկու համար։ Գանյան, իր կողմից, անսահման տանջանքներ էր կրել նրանից, և այդ տեսակետից Ֆերդիշչենկոն կարողացել էր շատ պիտանի լինել Նաստասյա Ֆիլիպովնային։

— Իսկ իշխանը նրանից կսկսի, որ մոդայիկ ռոմանս կերգի,— եզրափակեց Ֆերդիշչենկոն, աչք ածելով, թե ինչ կասի Նաստասյա Ֆիլիպովնան։

— Չեմ կարծում։ Ֆերդիշչենկո, և, խնդրեմ, չտաքանաք,― չոր֊չոր նկատեց նա։

— Ա-ա՜։ Եթե նա հատուկ հովանավորության տակ է, ապա ես էլ եմ մեղմանում...

Բայց Նաստասյա Ֆիլիպովնան, առանց լսելու, վեր կացավ և ինքը գնաց դիմավորելու իշխանին։

— Ես ափսոսում էի,— ասաց նա հանկարծ հայտնվելով իշխանի առաջ,— որ այն ժամանակ շտապելուց մոռացա ձեզ հրավիրել ինձ մոտ, և շատ ուրախ եմ, որ հիմա ինքներդ եք ինձ առիթ ընձեռում շնորհակալություն հայտնելու և ձեր վճռականության համար ձեզ գովելու։

Այդ ասելով, նա ուշադրությամբ զննում էր իշխանին, ճգնելով գեթ ինչ-որ չափով իրեն բացատրել նրա արարքը։

Իշխանը, գուցե և որևէ բան պատասխաներ նրա սիրալիր խոսքերին, բայց այն աստիճան շլացած ու զարմացած էր, որ չէր կարող նույնիսկ մի բառ արտասանել։ Նաստասյա Ֆիլիպովնան այդ նկատեց գոհունակությամբ։ Այդ երեկո նա լիակատար տուալետով էր և արտասովոր տպավորություն էր գործում։ Նա բռնեց իշխանի ձեռքից և տարավ հյուրերի մոտ։ հյուրասենյակ մտնելու բուն պահին իշխանը հանկարծ կանգ առավ և անսովոր հուզմունքով, շտապելով, շշնջաց նրան.

— Ձեր մեջ ամեն ինչ կատարելություն է... նույնիսկ այն, որ դուք նիհար ու գունատ եք... ձեզ մարգ այլ կերպ չի էլ ուղում պատկերացնել... Ես այնպես ուզեցա ձեզ մոտ գալ․․․ ես․․․ ներեցեք...

— Ներողություն մի խնդրեք,— ծիծաղեց Նաստասյա Ֆիլիպովնան,— դրանից կխաթարվի ամբողջ տարօրինակությունն ու օրիգինալությունը, նշանակում է ձեր մասին ճիշտ են ասում, որ դուք տարօրինակ մարդ եք։ Ուրեմն դուք ինձ կատարելությո՞ւն եք համարում, այո՞։

― Այո։

— Թեև դուք կռահելու վարպետ եք, բայց սխալվեցիք։ Ես հենց այսօր ձեզ կհիշեցնեմ այդ մասին...

Նա իշխանին ներկայացրեց հյուրերին, որոնց կեսից ավելին արդեն ճանաչում էր նրան։ Տոցկին անմիջապես ինչ֊որ սիրալիր բան ասաց։ Կարծես բոլորը մի քիչ աշխուժացան, բոլորը միաժամանակ սկսեցին խոսել և ծիծաղել։ Նաստասյա Ֆիլիպովնան իշխանին նստեցրեց իր կողքին։

— Եվ սակայն ի՞նչ զարմանալի բան կա իշխանի հայտնվելու մեջ,— ամենքից բարձր բղավեց Ֆերդիշչենկոն,— բանը պարզ է, բանը խոսուն է ինքնին։

— Բանը չափազանց պարզ է և չափազանց խոսուն ինքնին,— հանկարծ վրա բերեց Գանյան, որ մինչ այդ լուռ էր։— Ես այսօր գրեթե անընդհատ հետևել եմ իշխանին այն իսկ ակնթարթից, երբ նա առավոտյան առաջին անգամ նայեց Նաստասյա Ֆիլիպովնայի նկարին, որ Իվան Ֆյոդորովիչի սեղանին էր դրած։ Ես շատ լավ եմ հիշում, թե դեռ այն ժամանակ ինչ մտածեցի այդ մասին, որում այժմ միանգամայն համոզված եմ, և, որում, հարևանցի ասեմ, իշխանն ինքը ինձ խոստովանեց։

Այդ ամբողջ ֆրազը Գանյան ասաց չափազանց, լուրջ, առանց նվազագույն կատակի, նույնիսկ մռայլ, որը մի քիչ տարօրինակ թվաց։

— ես ձեզ խոստովանություն չեմ արել,― պատասխանեց իշխանը շիկնելով,— ես միայն պատասխանել եմ ձեր հարցին։

— Բրա՛վո, բրա՛վո,— բղավեց Ֆերդիշչենկոն,— համենայն դեպս անկեղծ է, և խորամանկ է, և անկեղծ։

Բոլորը բարձրաձայն ծիծաղում էին։

— Մի բղավեք, Ֆերդիշչենկո,― խորշանքով նկատեց նրան Պտիցինը կիսաձայն։

— Ես, իշխան, ձեզնից այդպիսի պրուեսներ[14] չէի սպասում,— ասաց Իվան Ֆյոդորովիչը,— գիտե՞ք արդյոք, դա ում ձեռնտու կլինի։ Իսկ ես ձեզ փիլիսոփա էի համարում։ Այ քեզ սուսի՜կ։

— Եվ դատելով այն բանից, որ իշխանը շիկնում է անմեղ կատակից, ինչպես անմեղ ջահել աղջիկ, ես եզրակացնում եմ, որ նա, որպես ազնիվ պատանի, իր սրտում սնուցում է ամենագովելի նպատակներ,— հանկարծ և բոլորովին անսպասելի ասաց, կամ, ավելի լավ է ասել սվսվացրեց անատամ և մինչև, հիմա բոլորովին լուռ նստած յոթանասունամյա ծերուկ ուսուցիչը, որից ոչ ոք չէր կարող սպասել, որ գոնե ձայն կհանի այդ երեկո։ Բոլորն ավելի սաստիկ ծիծաղեցին։ Ծերուկը, հավանաբար կարծելով, որ իր սրամտության վրա են ծիծաղում, բոլորին նայելով, սկսեց ավելի ուժգին ծիծաղել, ըստ որում սկսեց չարաչար հազալ, այնպես որ Նաստասյա Ֆիլիպովնան, որը չգիտես ինչու շատ էր սիրում բոլոր նման յուրօրինակ ծերուկներին, պառավներին և նույնիսկ կրոնախևերին, անմիջապես սկսեց փաղաքշել նրան, համբուրել և հրամայեց նրան էլի թեյ տալ։ Ներս մտած սպասուհուց նա խնդրեց, որ իրեն տա թիկնոցը, որի մեջ փաթաթվեց և հրամայեց էլի փայտ ավելացնել բուխարիկում։ Այն հարցին, թե ժամը քանիսն է, սպասուհին պատասխանեց, որ արդեն տասնմեկի կեսն է։

— Պարոնայք, չէի՞ք կամենա շամպայն խմել,— հանկարծ հրավիրեց Նաստասյա Ֆիլիպովնան։— Ես պատրաստել եմ։ Գուցե տրամադրություններդ կբացվի։ Խնդրեմ, առանց ձևականության։

Խմելու առաջարկը, և առանձնապես այդպիսի միամիտ դարձվածքներով, շատ տարօրինակ թվաց Նաստասյա Ֆիլիպովնայի բերանում։ Բոլորին հայտնի էր արտասովոր պատշաճությունը նրա առաջվա երեկույթներում։ Առհասարակ երեկույթն ավելի ուրախ էր դառնում, բայց ոչ ըստ սովորականի։ Սակայն գինուց չհրաժարվեցին, նախ և առաջ՝ գեներալն ինքը, ապա՝ ժիր տիկինը, ծերուկը, Ֆերդիշչենկոն, նրանց հետևից նաև բոլորը։ Տոցկին նույնպես վերցրեց իր բաժակը, հուսալով ներդաշնակ դարձնել վերահաս նոր մթնոլորտը, ըստ հնարավորին դրան տալով անուշիկ կատակի բնույթ։ Միայն Գանյան ոչինչ չէր խմում։ Իսկ Նաստասյա Ֆիլիպովնայի տարօրինակ, երբեմն շատ կտրուկ ու արագ արարքներից, որը նույնպես գինի վերցրեց և հայտարարեց, որ այսօր երեկոյան երեք բաժակ կխմի, նրա հիստերիկ և աննպատակ ծիծաղից, որին հանկարծ հաջորդում էր լուռ և նույնիսկ մռայլ մտախոհությունը, դժվար էր որևէ բան հասկանալ։ Ոմանք կասկածում էին, թե նա տենդում է. վերջապես, սկսեցին նկատել, որ նա ինքն էլ կարծես ինչ-որ բանի սպասում է, հաճախակի նայում է ժամացույցին, դառնում է անհամբեր, մտացրիվ։

— Դուք կարծես մի փոքրիկ տե՞նդ ունեք,— հարցրեց ժիր տիկինը։

— Նույնիսկ մեծ և ոչ թե փոքրիկ, դրա համար էլ մանտիլով փաթաթվեցի,— պատասխանեց Նաստասյա Ֆիլիպովնան, որն իրոք ավելի էր դժգունել և կարծես ժամանակ առ ժամանակ իր մեջ զսպում էր ուժեղ դողը։

Բոլորն անհանգստացան ու տեղներից շարժվեցին։

— Արդյոք հանգիստ չտա՞ք տանտիրուհուն,― միտք հայտնեց Տոցկին, նայելով Իվան Ֆյոդորովիչին։

— Բոլորովին էլ ոչ, պարոնայք։ Ընդհակառակը, խնդրում եմ նստեք։ Ձեր ներկայությունը հատկապես այսօր ինձ համար անհրաժեշտ է,— համառորեն ու նշանակալից հանկարծ հայտարարեց Նաստասյա Ֆիլիպովնան։ Եվ քանի որ գրեթե արդեն բոլոր հյուրերը իմացել էին, որ այդ երեկո կայանալու էր մի շատ կարևոր վճիռ, ապա այդ բառերը չափազանց ծանրակշիռ թվացին։ Գեներալն ու Տոցկին մի անգամ ես հայացքներ փոխանակեցին, Գանյան ցնցվելով շարժվեց։

— Լավ կլիներ որևէ պտի֊ժյո[15] խաղայինք,— ասաց ժիր տիկինը։

— Ես գիտեմ մի ամենասքանչելի և նոր պտի֊ժյո,— վրա բերեց Ֆերդիշչենկոն,— համենայն դեպս այնպիսի, որ աշխարհում միայն մի անգամ է տեղի ունեցել, և այն էլ չի հաջողվել։

— Ի՞նչ բան է,— հարցրեց ժիր տիկինը։

— Մի անգամ հավաքվել էինք մի կամպանիայով, դե, խմեցինք, ճիշտ է, և հանկարծ մեկը առաջարկություն արեց, որ մեզանից յուրաքանչյուրը առանց սեղանից վեր կենալու, իր մասին բարձրաձայն որևէ բան պատմի, բայց այնպիսի բան, որ ինքը անկեղծ խղճով համարում է իր ամբողջ կյանքի ընթացքում կատարած վատ արարքներից ամենավատ արարքը, բայց պայմանով, որ անկեղծ լինի, գլխավորը, որ անկեղծ լինի, չխաբի։

— Տարօրինակ միտք է,— ասաց գեներալը։

— Դրանից էլ տարօրինակ ի՞նչ պիտի լիներ, ձերդ գերազանցություն, բայց հենց դրանով է լավ։

— Ծիծաղելի միտք է,― ասաց Տոցկին,— ասենք, հասկանալի է․ հատուկ տեսակի պարծենկոտություն է։

— Գուցե հենց այդ էլ պետք էր, Աֆանասի Իվանովիչ։

— Այդպես մարդ լաց կլինի, ոչ թե կծիծաղի, այդպիսի պտի֊ժյոյից,— նկատեց ժիր տիկինը։

— Միանգամայն անկարելի և անհեթեթ բան է,― արձագանքեց Պտիցինը։

— Իսկ հաջողվե՞ց,— հարցրեց Նաստասյա Ֆիլիպովնան։

— Բանն այն է, որ ոչ, շատ վատ ստացվեց, ամեն մեկը մի բան պատմեց, շատերը ճշմարիտ, և պատկերացրեք, ոմանք ախր նույնիսկ բավականությամբ էին պատմում, իսկ հետո բոլորը ամաչեցին, չդիմացան։ Ասենք, ամբողջությամբ վերցրած, շատ ուրախ անցավ, այսինքն՝ յուրովի ուրախ։

— Բայց իրավ, դա լավ կլիներ,— նկատեց Նաստասյա Ֆիլիպովնան, հանկարծ աշխուժանալով։— Իսկապես որ, փորձեինք, պարոնայք։ Իրոք, կարծես թե ուրախ չենք մի տեսակ։ Եթե մեզնից յուրաքանչյուրը համաձայներ որևէ բան պատմել... այդ կարգի... հասկանալի է, համաձայնությամբ, այստեղ լիակատար ազատություն պետք է լինի, հը՞։ Գուցե մենք դիմանա՞նք։ Համենայն դեպս անասելի օրիգինալ է․․․

— Հանճարե՜ղ միտք է,— վրա բերեց Ֆերդիշչենկոն։— Տիկնայք, ի դեպ, բացառվում են, սկսում են տղամարդիկ, բանը կարգավորվում է վիճակահանությամբ, ինչպես և այն ժամանակ։ Անպայման, անպայման։ Ով որ շատ դեմ է, նա, հասկանալի է, չի պատմում, բայց ո՞վ կուզենա այդքան անսիրալիր լինել։ Տվեք ձեր վիճակները այստեղ, պարոնայք, իմ գլխարկի մեջ, իշխանը կհանի։ Ամենահասարակ խնդիրն է, իր ամբողջ կյանքի ամենավատ արարքը պատմելը զարմանալի հեշտ է, պարոնայք։ Այ կտեսնեք։ Իսկ եթե մեկնումեկը մոռանա, ես հանձն եմ առնում հիշեցնել։

Այդ միտքը ոչ ոքի դուր չեկավ։ Ոմանք խոժոռվում էին, մյուսները՝ խորամանկ ժպտում։ Մի քանիսը առարկում էին, բայց ոչ այնքան, օրինակ՝ Իվան Ֆյոդորովիչը, որը չէր ուզում հակաճառել Նաստասյա Ֆիլիպովնային և նկատել էր, թե նրան ինչպես է գրավում այդ տարօրինակ միտքը։ Իր ցանկությունների մեջ Նաստասյա Ֆիլիպովնան միշտ անզուսպ և անողոք էր, եթե միայն վճռած էր լինում արտահայտել դրանք, թեկուզև լինեին ամենաքմահաճ և նույնիսկ հենց իր համար անօգուտ ցանկություններ։ Հիմա էլ նա կարծես հիստերիկայի մեջ լիներ, ծիծաղում էր ջղաձգորեն, նոպաներով, հատկապես՝ անհանգստացած Տոցկու առարկությունների վրա։ Նրա մուգ աչթերը փայլատակեցին, գունատ այտերին հայտնվեցին երկու կարմիր բիծ։ Հյուրերից մի քանիսի դեմքերի վհատ ու խորշալի արտահայտությունը, գուցե, ավելի ևս բորբոքում էր նրա ծաղրական ցանկությունը․ գուցե նրան հենց դուր էր գալիս այդ մտքի ցինիկությունն ու դաժանությունը։ Ոմանք համոզված էին, որ նա այստեղ ինչ-որ հատուկ հաշիվ ունի։ Ասենք, սկսեցին համաձայնել․ համենայն դեպս, հետաքրքիր էր, իսկ շատերի համար նույնիսկ շատ հրապուրիչ։ Ֆերդիշչենկոն ամենից ավելի էր իրար անցել։

— Իսկ եթե այնպիսի բան է, որ նույնիսկ անկարելի է պատմել... տիկնանց ներկայությա՞մբ,— երկչոտ նկատեց լռակյաց պատանին։

— Դուք էլ դա մի պատմեք. կարծես թե առանց այդ էլ քիչ կան վատ արարքներ,― պատասխանեց Ֆերդիշչենկոն,― էխ դո՜ւք, պատանի։

— Իսկ ես ահա չգիտեմ, թե որը համարեմ իմ ամենավատ արարքը,— հարեց ժիր տիկինը։

— Տիկնայք ազատվում են պատմելու պարտականությունից,— կրկնեց Ֆերդիշչենկոն,— բայց միայն ազատվում են. սեփական ներշնչումը շնորհակալությամբ թույլատրվում է։ Իսկ տղամարդիկ, եթե շատ դեմ են, ազատվում են։

— Բայց այստեղ ինչպե՞ս ապացուցես, որ չես խաբում,— հարցրեց Գանյան,— իսկ եթե խաբես, խաղի ամբողջ իմաստը կորչում է։ Իսկ ո՞վ չի խաբի։ Ամեն մեկն էլ անպայման կխաբի։

— Հենց միայն դա, թե մարդ այստեղ ինչպես կխաբի՝ հրապուրիչ է։ Իսկ դու, Գանեչկա, առանձնապես վախենալու բան չունես, թե կստես, որովհետև քո ամենավատ արարքը առանց այդ էլ բոլորին հայտնի է։ Բայց մտածեցեք միայն, պարոնայք,— ինչ֊որ ոգեշնչման մեջ բացականչեց հանկարծ Ֆերդիշչենկոն,— մտածեցեք միայն, թե հետո ինչ աչքերով պիտի նայենք իրար, վաղը, օրինակ, պատմություններից հետո։

— Մի՞թե դա հնարավոր է։ Մի՞թե իսկապես դա լուրջ է, Նաստասյա Ֆիլիպովնա,― արժանապատվությամբ հարցրեց Տոցկին։

— Գայլից վախենաս, անտառ չես գնա,— քմծիծաղով նկատեց Նաստասյա Ֆիլիպովնան։

— Բայց, ներեցեք, պարոն Ֆերդիշչենկո, մի՞թե հնարավոր է դրանից հետո պտի-ժյո սարքել,― ավելի ու ավելի անհանգստացած շարունակում էր Տոցկին,― հավատացնում եմ ձեզ, որ այդպիսի բաները երբեք չեն հաջողվում, չէ՞ որ ինքներդ եք ասում, որ դա մի անգամ արդեն չի հաջողվել։

— Ինչպես թե չի հաջողվել։ Չէ՞ որ ես անցյալ անգամ պատմեցի, թե ինչպեu եմ երեք ռուբլի գողացել, ուղղակի վերցրի ու պատմեցի։

— Ենթադրենք։ Բայց չէ՞ որ անհնար էր, որ դուք այնպես պատմեիք, որ ճշմարտանման լիներ և ձեզ հավատային։ Իսկ Գավրիլա Արդալիոնովիչը միանգամայն արդարացի նկատեց, որ եթե անգամ աննշան չափով կեղծիքն զգացվի, խաղի ամբողջ իմաստը կկորչի։ Ճշմարտությունն այստեղ հնարավոր է միայն պատահաբար, չափազանց վատ տոնի առանձնահատուկ պարծենկոտ տրամադրության դեպքում, որն այստեղ անհնարին և բոլորովին անվայելուչ է։

― Բայց ինչ աստիճանի նրբակիրթ մարդ եք, Աֆանասի Իվանովիչ, նույնիսկ ինձ զարմացնում եք,— ճչաց Ֆերդիշչենկոն։— Պատկերացրեք, պարոնայք, իր դիտողությամբ, որ իմ գողության մասին չէի կարող այնպես պատմել, որ ճշմարտանման լիներ, Աֆանասի Իվանովիչը ամենանուրբ ձևով ակնարկում է, որ ես իրոք էլ չէի կարող գողանալ (որովհետև դա բարձրաձայն ասելն անվայելուչ է), թեպետ, կարող է պատահել, ինքն իր մեջ միանգամայն համոզված է, որ Ֆերդիշչենկոն շատ լավ էլ կարող է գողանալ։ Բայց գործի անցնենք, պարոնայք, գործի անցնենք, վիճակները հավաքված են, և դուք էլ, Աֆանասի Իվանովիչ, ձեր վիճակը գցել եք, նշանակում է ոչ ոք չի հրաժարվում։ Իշխան, հանեցեք։

Իշխանը լուռ՝ ձեռքը տարավ գլխարկը և հանեց առաջինը Ֆերդիշչենկոյի վիճակը, երկրորդը՝ Պտիցինի, երրորդը՝ գեներալի, չորրորդը՝ Աֆանասի Իվանովիչի, հինգերորդը՝ իր, վեցերորդը՝ Գանյայի վիճակը և այլն։ Տիկինները վիճակ չէին գցել։

— Օ, տեր իմ, ինչպիսի՜ դժբախտություն,— բացականչեց Ֆերդիշչենկոն,— ես էլ կարծում էի, թե առաջին հերթին դուրս կգա իշխանի վիճակը, իսկ երկրորդը՝ գեներալինը։ Բայց փառք աստծու, գոնե Իվան Պետրովիչն ինձնից հետո է, և ես հատուցված կլինեմ։ Դե, պարոնայք, իհարկե, ես պարտավոր եմ ազնիվ օրինակ ցույց տալ, բայց այս րոպեիս ամենից ավելի ափսոսում եմ նրա համար, որ ես այսքան չնչին եմ և ոչնչով աչքի չեմ ընկնում. նույնիսկ աստիճանս ամենափոքրագույնն է, իսկապես, ի՞նչ հետաքրքիր բան կա դրանում, թե Ֆերդիշչենկոն վատ արարք է կատարել։ Եվ այն ո՞րն է իմ ամենավատ արարքը։ Այստեղ կա emberras di richesse[16]։ Գուցե նորից այն գողության մասին պատմեմ, որպեսզի համոզեմ Աֆանասի Իվանովիչին, որ կարելի է գողանալ, գող չլինելով հանդերձ։

— Դուք ինձ համոզում եք այն բանում, պարոն Ֆերդիշչենկո, որ իրոք կարելի է բավականություն ստանալ արբեցման աստիճան, պատմելով իր անվայել արարքների մասին, թեկուզ դրանց մասին հարցնող էլ չլինի... Ասենք... Ներեցեք, պարոն Ֆերդիշչենկո։

— Սկսեցեք, Ֆերդիշչենկո, դուք սարսափելի շատ ավելորդ բաներ եք դուրս տալիս և երբեք չեք վերջացնի գրգռված ու անհամբեր հրամայեց Նաստասյա Ֆիլիպովնան։

Բոլորը նկատեցին, որ քիչ առաջվա իր ծիծաղի նոպայից հետո Նաստասյա Ֆիլիպովնան հանկարծ դարձավ նույնիսկ մռայլ, փնթփնթան ու ջղագրգիռ. այնուամենայնիվ համառ ու բռնակալորեն պնդում էր իր անհնարին քմահաճույքը։ Աֆանասի Իվանովիչը սաստիկ տառապում էր։ Նրան կատաղեցնում էր նաև Իվան Ֆյոդորովիչը. նա նստել էր՝ շամպայնը առաջին, կարծես ոչինչ պատահած չլիներ, և նույնիսկ, գուցե, մտադիր էր իր հերթին որևէ բան պատմել։

XIV

— Սրամտությունից զուրկ եմ, Նաստասյա Ֆիլիպովնա, դրա համար էլ ավելորդ բաներ եմ դուրս տալիս,— բացականչեց Ֆերդիշչենկոն, իր պատմությունն սկսելով։— Եթե ես էլ Աֆանասի Իվանովիչի կամ Իվան Պետրովիչի պես սրամիտ լինեի, ես էլ այսօր ամբողջ ժամանակ կնստեի ու կլռեի Աֆանասի Իվանովիչի և Իվան Պետրովիչի նման։ Իշխան, թույլ տվեք հարցնել, ինչ եք կարծում, ահա ինձ շարունակ թվում է, որ աշխարհում շատ ավելի են գողերը, քան ոչ գողերը և որ նույնիսկ չկա մի այնպիսի ամենաազնիվ մարդ, որը կյանքում գեթ մի անգամ որևէ բան գողացած չլինի։ Սա իմ միտքն է, որից, սակայն, ես ամենևին էլ չեմ ուզում եզրակացնել, որ բոլորը համատարած գողեր են միայն, թեև, աստված վկա, երբեմն սաստիկ կուզենայի այդ ևս եզրակացնել։ Ուրեմն ի՞նչ եք կարծում։

— Թո՛ւ, ինչ հիմար ձևով եք պատմում,— արձագանքեց Դարյա Ալեքսեևնան,— և ինչ հիմարություն, չի կարող պատահել, որ բոլորը որևէ բան գողանան. ես երբեք ոչ մի բան շեմ գողացել։

— Դուք երբեք ոչինչ չեք գողացել, Դարյա Ալեքսեևնա. բայց ի՞նչ կասի իշխանը, որը հանկարծ ամբողջովին շիկնեց։

— Ինձ թվում է, դուք ճիշտ եք ասում, միայն թե շատ եք չափազանցնում,— ասաց իշխանը, իրոք չգիտես ինչից շիկնելով։

— Իսկ դուք ինքներդ, իշխան, ոչի՞նչ չեք գողացել։

— Թո՛ւ, ինչ ծիծաղելի է։ Ուշքի եկեք, պարոն Ֆերդիշչենկո,— պաշտպան կանգնեց գեներալը։

— Ուղղակի, հենց որ բանը հասավ գործին, ամաչեցիք պատմել, ահա և ուզում եք իշխանին պոչ անել ձեզ, փառք, որ նա առարկող չէ,— հատու ասաց Դարյա Ալեքսեևնան։

— Ֆերդիշչենկո, կամ պատմեցեք, կամ լսեցեք և միայն ձեր մասին խոսեցեք։ Դուք մարդու համբերությունից հանում եք,— խիստ ու զայրագին ասաց Նաստասյա Ֆիլիպովնան։

— Այս րոպեիս, Նաստասյա Ֆիլիպովնա, բայց եթե իշխանը խոստովանեց, որովհետև ես այն կարծիքի եմ, որ իշխանը միևնույն է թե խոստովանեց, ապա ի՞նչ կասեր, օրինակ, որևէ մեկ ուրիշը (առանց մեկի անունը տալու), եթե ուզենար երբևէ ճշմարտությունն ասել։ Ինչ վերաբերում է ինձ, պարոնայք, ապա է՛լ պատմելու բան էլ չմնաց. շատ հասարակ, և հիմար, և վատ բան է։ Բայց հավատացնում եմ ձեզ, որ ես գող չեմ. իսկ ինչպես գողացա, չգիտեմ։ Դա երեք տարի առաջ էր, Սիմյոն Իվանովիչ Իշչենկոյի ամառանոցում, մի կիրակի օր։ Նրա տանը հյուրեր էին ճաշում։ Ճաշից հետո տղամարդիկ մնացին գինի խմելու։ Խելքիս փչեց Մարյա Սեմյոնովնային, նրա աղջկանը, օրիորդին, խնդրել, որ դաշնամուր նվագի։ Անցնում եմ անկյունի սենյակով, Մարյա Իվանովնայի աշխատասեղանի վրա երեք ռուբլի է դրած, կանաչ թղթադրամ. հանել էր, որ տնտեսության ինչ֊որ ծախսերի տար։ Սենյակում ոչ ոք չկար։ Ես թղթադրամը վերցրի ու գրպանս դրի, ինչի համար՝ չգիտեմ։ Ինձ ինչ պատահեց՝ չեմ հասկանում։ Միայն թե շտապ վերադարձա և սեղան նստեցի։ Ես նստել և սպասում էի, բավական ուժեղ հուզմունքով, անվերջ շաղակրատում էի, անեկդոտներ պատմում, ծիծաղում, հետո մոտ նստեցի տիկիններին։ Մոտավորապես կես ժամ հետո նկատեցին և սկսեցին հարցնել աղախիններին։ Կասկածեցին Դարյա աղախնին։ Ես արտասովոր հետաքրքրություն ու մասնակցություն ցուցաբերեցի, և նույնիսկ հիշում եմ, երբ Դարյան բոլորովին կորցրեց ինքն իրեն, սկսեցի համոզել նրան, որ խոստովանի, գլխովս երաշխավորելով Մարյա Իվանովնայի բարության համար, և դա բարձրաձայն, և բոլորի ներկայությամբ։ Բոլորը նայում էին, իսկ ես անսովոր բավականություն էի զգում հենց նրանից, որ ինքս քարոզում եմ, իսկ թղթադրամը ախր իմ գրպանում է։ Այդ երեք ռուբլին ես նույն երեկոյան խմիչքի տվեցի ռեստորանում։ Մտա և մի շիշ լաֆիտ խնդրեցի, մինչ այդ երբեք չէի խնդրում այդպիսի մի շիշ, առանց ոչնչի։ Ուզեցա որքան կարելի է շուտ ծախսել։ Առանձնապես խղճի խայթ չէի զգում ոչ այն ժամանակ, ոչ հետո։ Ուրիշ անգամ, հավանաբար չէի կրկնի. դրան հավատացեք, կամ ոչ, ինչպես կամենաք, ես չեմ հետաքրքրվում։ Դե, ահա և բոլորը։

— Միայն թե, իհարկե, դա ձեր ամենավատ արարքը չէ,― խորշանքով ասաց Դարյա Ալեքսեևնան։

— Դա հոգեբանական դեպք է, և ոչ թե արարք,— նկատեց Աֆանասի Իվանովիչը։

— Իսկ աղախի՞նը,— հարցրեց Նաստասյա Ֆիլիպովնան, չթաքցնելով իր զզվալից նողկանքը։

— Իսկ աղախնուն, հասկանալի է, մյուս օրն ևեթ վռնդեցին։ Դա խիստ տուն է։

— Եվ դուք թո՞ւյլ տվիք։

— Այ թե հիանալի՜ է։ Մի՞թե ես պիտի գնայի ու հանձն առնեի,— քրքջաց Ֆերդիշչենկոն, ի դեպ, մասամբ զարմացած իր պատմությունից ստացված ընդհանուր, չափազանց տհաճ տպավորությունից։

— Ի՜նչ կեղտոտ բան է դա,— բացականչեց Նաստասյա Ֆիլիպովնան։

— Վա՛հ։ Դուք ուզում եք մարդուց լսել նրա ամենավատ արարքը և դեռ փայլ եք պահանջում։ Ամենավատ արարքը միշտ էլ շատ կեղտոտ է լինում, մենք հիմա դա կիմանանք Իվան Պետրովիչից. և քի՞չ բաներ կան, որ արտաքուստ փայլում են և ուզում են առաքինություն թվալ, որովհետև սեփական կառք ունեն։ Քի՞չ կան մարդիկ, որ սեփական կառք ունեն... Եվ ինչ միջոցներով․․․

Մի խոսքով, Ֆերդիշչենկոն բոլորովին չդիմացավ և հանկարծ չարացավ նույնիսկ ինքն իրեն կորցնելու աստիճան, և չափն անցավ, նույնիսկ նրա ամբողջ դեմքը ծամածռվեց։ Որքան էլ տարօրինակ է, բայց շատ հնարավոր է, որ նա բոլորովին այլ հաջողություն էր սպասում իր պատմությունից։ Վատ տոնի այդ «վրիպումները» և «հատուկ տեսակի պարծենկոտությունը», ինչպես դրա մասին արտահայտվեց Տոցկին, Ֆերդիշչենկոյին չափազանց հաճախ էին պատահում և միանգամայն համապատասխանում էին նրա բնավորությանը։

Նաստասյա Ֆիլիպովնան նույնիսկ ցնցվեց զայրույթից և շեշտակի նայեց Ֆերդիշչենկոյին. սա վայրկենապես վախեցավ ու ձայնը կտրեց, գրեթե վախից սառչելով. շատ էր հեռուն գնացել։

— Արդյոք չվերջացնե՞նք բոլորովին,— խորամանկորեն հարցրեց Աֆանասի Իվանովիչը։

— Հերթը իմն է, բայց ես օգտվում եմ իմ արտոնությունից և չեմ պատմի,— վճռական ասաց Պտիցինը։

― Դուք չե՞ք ուզում։

— Չեմ կարող, Նաստասյա Ֆիլիպովնա, և առհասարակ այսպիսի պտի-ժյոն անհնարին բան եմ համարում։

― Գեներալ, կարծեմ, ըստ հերթի, դուք եք պատմելու,— նրան դիմեց Նաստասյա Ֆիլիպովնան,— եթե դուք էլ հրաժարվեք, ապա ձեր հետևից ամեն ինչ կխախտվի, և ես շատ կափսոսամ, որովհետև ես մտադիր էի որպես եզրափակում մի արարք պատմել «իմ սեփական կյանքից», միայն թե ձեզանից ու Աֆանասի Իվանովիչից հետո, որովհետև չէ՞ որ դուք պետք է քաջալերեք,— եզրափակեց նա ծիծաղելով։

― Օ, եթե դուք էլ եք խոստանում,— տաք֊տաք բացականչեց գեներալը,― ապա ես պատրաստ եմ ձեզ թեկուզ ամբողջ կյանքս պատմել, բայց ես, խոստովանում եմ, հերթի սպասելով, արդեն պատրաստել եմ իմ անեկդոտը։

— Եվ արդեն նորին գերազանցության լոկ տեսքից կարելի է եզրակացնել, թե գրական ինչպիսի առանձնահատուկ բավականությամբ է մշակել իր անեկդոտը,— համարձակվեց նկատել դեռևս մի փոքր շվաթված Ֆերդիշչենկոն, թունալի ժպտալով։

Նաստասյա Ֆիլիպովնան հարևանցի նայեց գեներալին և նույնպես մտքում ժպտաց։ Բայց երևում էր, որ նրա մեջ թախիծն ու գրգռվածությունը ավելի ու ավելի, էին սաստկանում։ Աֆանասի Իվանովիչը կրկնակի վախեցավ, լսելով նրա պատմության խոստումը։

— Ինձ, պարոնայք, ինչպես և ամեն մեկին, պատահել են ոչ բոլորովին գեղեցիկ արարքներ իմ կյանքում,— սկսեց գեներալը,— բայց ամենատարօրինակն այն է, որ ես ինքս, այն կարճառոտ անեկդոտը, որ հիմա կպատմեմ, համարում եմ իմ ամբողջ կյանքի ամենավատ անեկդոտը։ Այնինչ դրանից անցել է համարյա երեսունհինգ տարի, բայց դա հիշելիս երբեք չեմ կարողացել կտրվել, այսպես ասած, սիրտս ճանկռող տպավորությունից։ Ի դեպ, չափազանց հիմար բան է. ես այն ժամանակ դեռ միայն պրապորշչիկ էի և բանակում լուծ էի քաշում։ Դե, հայտնի բան է, պրապորշչիկի արյունը եռման է լինում, իսկ տնտեսությունը՝ կոպեկանոց. այն ժամանակ մի սպասյակ ունեի, որը սաստիկ հոգ էր տանում իմ տնտեսության մասին, կուտակում էր, կարկատում, քերում ու մաքրում, և նույնիսկ ամեն տեղ ամեն բան գողանում, ինչ որ կարողանում էր գողանալ, որպեսզի տան եղածն ավելացներ, ամենահավատարիմ և ազնվագույն մարդ էր․ ես, հասկանալի է, խիստ էի, բայց արդարադատ։ Այնպես պատահեց, որ միառժամանակ կանգնած էինք մի փոքրիկ քաղաքում։ Ինձ բնակարան հատկացրին ֆորշտադում, մի պաշտոնաթող պոդպորուչիկի կնոջ, այն էլ այրու տանը։ Պառավը կլիներ ութսուն տարեկան, կամ, համենայն դեպս, դրան մոտիկ։ Տնակը խարխուլ էր, անպետք, փայտաշեն, և պառավը նույնիսկ աղախին չուներ աղքատության պատճառով։ Բայց գլխավորը նրանով էր աչքի ընկնում, որ մի ժամանակ ունեցել էր ամենաբազմանդամ ընտանիք ու հարազատներ, բայց ոմանք նրա կյանքի ընթացքում մեռել էին, մյուսները ցրվել այս ու այն կողմ, ոմանք մոռացել էին պառավին, իսկ ամուսնուն նա թաղել էր մոտ քառասունհինգ տարի առաջ։ Դրանից դեռ մի քանի տարի առաջ նրա հետ ապրում էր նրա մի ազգականուհին, ասում են կուզիկ ու վհուկի պես չար, և նույնիսկ մի անգամ կծել էր պառավի մատը, բայց նա էլ էր մեռել, այնպես որ, պառավը մոտ երեք տարի յոլա էր գնում մեն-մենակ։ Ինձ համար խիստ տխուր էր նրա մոտ, և այնպես դատարկ կին էր, որ նրանից ոչինչ չէր կարելի ստանալ։ Վերջապես գողացավ իմ աքաղաղը։ Այդ գործը մինչև հիմա մութն է, բայց նրանից բացի ուրիշ ոչ ոք չէր կարող անել։ Աքլորի համար մենք կռվեցինք և բավական խիստ, իսկ այստեղ այնպես պատահեց, որ ինձ, առաջին իսկ խնդրանքովս, փոխադրեցին ուրիշ բնակարան՝ հակադիր ֆորշտադում, այսօրվա պես հիշում եմ, մի մեծ մորուքով վաճառականի խիստ բազմանդամ ընտանիքը։ Նիկիֆորի հետ փոխադրվում ենք ուրախությամբ, իսկ պառավին թողնում ենք զայրույթով։ Անցնում է մի երեք օր, վերադառնում եմ պարապմունքից, Նիկիֆորը զեկուցում է, «որ զուր տեղը, ձերդ ազնվություն, մեր պնակը թողինք նախկին տանտիրուհու մոտ, ապուրը մատուցելու աման չկա»։ Ես, հասկանալի է, զարմացած եմ. «Ինչպե՞ս թե, ինչո՞ւ է մեր պնակը տանտիրուհու մոտ մնացել»։ Զարմացած Նիկիֆորը շարունակում է զեկուցել, որ երբ մենք տեղափոխվում էինք, տանտիրուհին մեր պնակը նրան չի տվել այն պատճառով, որ ես կոտրել եմ նրա սեփական կճուճը, ուստի նա իր կճուճի փոխարեն պահում է մեր պնակը, և իբր թե ես եմ նրան այդ առաջարկել։ Նրա կողմից այդպիսի ստորությունը, հասկանալի է, ինձ հանեց վերջին սահմաններից, արյունս եռաց, վեր թռա, սլացա։ Պառավի մոտ եմ գալիս, այսպես ասած, ինքս ինձ կորցրած, տեսնեմ, նա նստել է հաշտում մեն-մենակ, անկյունում, կարծես արևից պաշտպանվելով, ձեռքը այտին նեցուկ արած։ Ես անմիջապես, գիտե՞ք, որոտ ու կայծակ թափեցի նրա գլխին, «դու էսենց, էնենց», և, գիտե՞ք, այսպես ռուսավարի։ Միայն տեսնեմ, ինչ-որ տարօրինակ բան է, նստել է նա, երեսն ինձ հառել, աչքերը չռել, և ոչ մի խոսք ի պատասխան, և այնպես տարօրինակ-տարօրինակ է նայում, կարծես օրորվում է։ Ես, վերջապես, ձայնս կտրեցի, ուշադիր նայում եմ, հարց տալիս, ոչ մի խոսք ի պատասխան։ Ես մի փոքր կանգնեցի անվճռական. ճանճերը բզզում են, արևը մայր է մտնում, լռություն է. կատարյալ շփոթմունքի մեջ ընկած՝ ես, վերջապես, գնում եմ. դեռ տուն չհասած, պահանջեցին, որ մայորին ներկայանամ, հետո հարկ եղավ անցնել վաշտ, այնպես որ տուն վերադարձա, երբ բոլորովին իրիկնացել էր։ Նիկիֆորի առաջին խոսքն էր. «Իսկ գիտե՞ք, ձերդ ազնվություն, ախր մեր տանտիրուհին մեռել է»։— «Ե՞րբ»։— «Այսօր երեկոյան կողմ, մոտ մեկուկես ժամ առաջ»։ Դա, նշանակում է, հենց այն ժամանակ, երբ ես նրան հայհոյում էի, նա հոգին էր ավանդում։ Դա ինձ այնպես ապշեցրեց, կասեմ ձեզ, որ հազիվ ուշքի եկա։ Սկսեցի նույնիսկ մտածել, նույնիսկ գիշերը երազիս եկավ։ Ես, իհարկե, նախապաշարմունքներ չունեմ, բայց երրորդ օրը գնացի եկեղեցի՝ թաղմանը։ Մի խոսքով, որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի եմ մտածում։ Չէի ասի, թե հաճախ, բայց այնպես, երբեմն պատկերացնում ես և վատ ես լինում։ Գլխավորը, ինչն է այստեղ, ինչպես վերջ ի վերջո ես դատեցի։ Նախ և առաջ այդ կինը, այսպես ասած, մարդկային արարածը, ապրում էր, երկար էր ապրում, վերջապես չափից ավելի երկար ապրեց։ Մի ժամանակ ունեցել է երեխաներ, ամուսին, ընտանիք, հարազատներ, այդ ամենը նրա շուրջը, այսպես ասած, եռացել է, այդ բոլոր այսպես ասած, ժպիտները, և հանկարծ՝ լիակատար փա՜ս, ամեն ինչ հօդս է ցնդել, մնացել է մեն-մենակ, ինչպես․․․ մի ճանճ, որ իր վրա կրում է ժամանակի անեծքը։ Եվ ահա, վերջապես, աստված վախճանին է հասցնում։ Սրևամուտին, մի խաղաղ ամառային երեկո, չվում է և իմ պառավը,— իհարկե, այստեղ բարոյախոսական իմաստ կա. և ահա հենց այդ վայրկյանին, փոխանակ, այսպես ասած, բարի երթի արցունքի, երիտասարդ, հանդուգն մի պոդպորուչիկ, ձեռները կանթած ու սանձարձակ, նրան երկրի երեսից ճամփու է դնում ռուսական լպիրշ հայհոյանքների տարրերով, կորած պնակի համար։ Անկասկած, ես մեղավոր եմ, և չնայած վաղուց, շատ վաղուց, տարիներն անցնելու և բնավորությունս փոխվելու կապակցությամբ իմ այդ արարքին նայում եմ որպես մի ուրիշի արարքի, բայց և այնպես շարունակում եմ զղջալ։ Այնպես որ, կրկնում եմ, ինձ համար նույնիսկ տարօրինակ է, առավել ևս, որ եթե անգամ ես մեղավոր եմ, ապա չէ՞ որ ոչ բոլորովին. ինչո՞ւ էր նրա խելքին փչել հենց այդ ժամանակ մեռնել։ Հասկանալի է, այստեղ մի արդարացում կա, որ արարքս որոշ չափով հոգեբանական էր, բայց և այնպես ես չէի կարող հանգստանալ, մինչև սրանից տասնհինգ տարի առաջ հանձն չառա անկելանոցում մշտապես երկու հիվանդ պառավ պահել իմ հաշվին, վայելուչ հոգացողությամբ նրանց երկրային կյանքի վերջին օրերը թեթևացնելու նպատակով։ Մտադիր եմ դա առհավետ դարձնել, կտակելով դրամագլուխ։ Դե, ահա և բոլորը։ Կրկնում եմ, որ գուցե կյանքում ես շատ բաներում եմ մեղավոր եղել, բայց այս դեպքը, խղճի մտոք, համարում եմ ամբողջ կյանքիս ամենավատթար արարքը։

— Եվ փոխանակ ամենավատթար արարքի, ձերդ գերազանցությունը պատմեց իր կյանքի լավ արարքներից մեկը․ խաբեցի՜ք Ֆերդիշչենկոյին,— եզրակացրեց Ֆերդիշչենկոն։

— Հիրավի, գեներալ, ես նույնիսկ չէի պատկերացնում, որ դուք համենայն դեպս բարի սիրտ կունենաք. նույնիսկ ափսոսում եմ,— անփույթ ասաց Նաստասյա Ֆիլիպովնան։

— Ափսոսո՞ւմ եք։ Այդ ինչո՞ւ,— սիրալիր ծիծաղով հարցրեց գեներալը և ոչ առանց ինքնագոհության կում արեց շամպայնից։

Բայց հերթը հասել էր Աֆանասի Իվանովիչին, որը նույնպես պատրաստվել էր։ Բոլորը կռահում էին, որ նա չի հրաժարվի, ինչպես Իվան Պետրովիչը, և որոշ պատճառներով նրա պատմությանը սպասում էին առանձնահատուկ հետաքրքրությամբ և միաժամանակ նայում էին Նաստասյա Ֆիլիպովնային։ Արտասովոր արժանապատվությամբ, որ լիովին համապատասխանում էր նրա հոյատեսիլ արտաքինին, հանդարտ, սիրալիր ձայնով սկսեց Աֆանասի Իվանովիչը իր «անուշիկ պատմություններից» մեկը։ (Ի դեպ է ասել, որ նա աչքի ընկնող մարդ էր, հոյատեսիլ, բարձրահասակ, մի քիչ ճաղատ, մի քիչ ալեխառն և բավական գեր, փափլիկ, կարմիր և փոքր-ինչ կախ ընկած այտերով, դնովի ատամներով։ Հագնվում էր լայն ու նրբագեղ և զարմանալի սպիտակեղեն էր գործածում։ Մարդու աչքը մնում էր նրա թմբլիկ սպիտակ ձեռների վրա։ Աջ ձեռքի ցուցամատին թանկագին ադամանդե մատանի կար։) Նաստասյա Ֆիլիպովնան նրա պատմության ամբողջ ընթացքում ուշադիր զննում էր իր թևքի բոլորազարդի ժանյակը և պռճոկում ձախ ձեռքի երկու մատով, այնպես որ ոչ մի անգամ ժամանակ չունեցավ նույնիսկ նայելու պատմողին։

— Մի բան, որ ամենից ավելի թեթևացնում է իմ խնդիրը,― սկսեց Աֆանասի Իվանովիչը,— դա անպայման պարտավորությունն է պատմել ոչ այլ կերպ, քան իմ ողջ կյանքի ամենավատթար արարքը։ Այս դեպքում, հասկանալի է, չի կարող տատանում լինել․ խիղճը և սրտի հիշողությունն անմիջապես կհուշեն, թե հատկապես ի՛նչ պետք է պատմել։ Դառնությամբ խոստովանում եմ, իմ կյանքի բոլոր անհամար, թերևս թեթևամիտ ու․․․ թեթևսոլիկ արարքների թվում կա մեկը, որի տպավորությունը շատ ծանր է պառկել իմ հիշողության մեջ։ Դա պատահեց մոտ քսան տարի առաջ, ես այն ժամանակ անցա գյուղ՝ Պլատոն Օրդինցևի մոտ։ Նա հենց նոր ընտրվել էր պարագլուխ և ջահել կնոջ հետ եկել էր ձմեռային տոներն անցկացնելու։ Հենց այդ ժամանակ էլ վրա հասավ Անֆիսա Ալեքսեևնայի ծննդյան տոնը և նշանակվեց երկու պարահանդես։ Այն ժամանակ սաստիկ մոդա էր և բարձր հասարակության մեջ հենց նոր էր թնդացել Դյումա֊ֆիսի «La dame aux camélias»[17] սքանչելի վեպը, մի պոեմ, որին, իմ կարծիքով չի վիճակված ոչ մեռնել, ոչ ծերանալ։ Գավառում բոլոր տիկնայք հիացած էին զմայլանքի աստիճան, համենայն դեպս նրանք, ովքեր կարդացել էին։ Պատմվածքի հրապույրը, գլխավոր անձի մատուցման ինքնատիպությունը, ամենայն նրբությամբ վերլուծված այդ գրավիչ աշխարհը և վերջապես գրքում շաղ տված այդ բոլոր հմայիչ մանրամասնությունները (օրինակ, հերթականությամբ սպիտակ և վարդագույն կամելիաների ծաղկեփնջերի օգտագործման հանգամանքը), մի խոսքով, այս բոլոր սքանչելի մանրամասները և այդ բոլորը միասին, գրեթե ցնցում էին առաջացրել։ Կամելիայի ծաղիկները զարմանալի մոդա դարձան։ Բոլորը կամելիա էին պահանջում, բոլորը որոնում էին։ Ես ձեզ հարց եմ տալիս՝ գավառում արդյոք շա՞տ կարելի է կամելիա ճարել, երբ բոլորը պարահանդեսների համար այդ ծաղիկն են պահանջում, թեկուզև պարահանդեսներ քիչ լինեին։ Այն ժամանակ խեղճ Պետյա Վերխովսկոյը հալումաշ էր լինում Անֆիսա Ալեքսեևնայի համար։ Հիրավի, չգիտեմ, նրանց մեջ որևէ բան կա՞ր, այսինքն, ուզում եմ ասել, արդյոք նա կարո՞ղ էր գեթ որևէ լուրջ հույս տածել։ Խեղճը խելքը կորցնում էր, որպեսզի երեկոյան պարահանդեսին Անֆիսա Ալեքսեևնայի համար կամելիա ճարի։ Ինչպես հայտնի դարձավ, պետերբուրգցի կոմսուհի Սոցկայան՝ նահանգապետի կնոջ հյուրը և Սոֆյա Բեսպալովան, հավանաբար, կգնան սպիտակ ծաղկեփնջերով։ Անֆիսա Ալեքսեևնան, առանձնահատուկ տպավորության համար ուզեց ունենալ կարմիր ծաղիկներ։ Խեղճ Պլատոնին համարյա ուժասպառ արին. պարզ բան՝ չէ՞ որ ամուսինն է. հանձն առավ, որ ծաղկեփունջը կլինի, և ի՞նչ։ Նախորդ օրը, նրան կանխելով, ծաղիկներն իր ձեռքն էր գցել Միտիշչևան՝ Կատերինա Ալեքսանդրովնան, ամեն բանում Անֆիսա Ալեքսեևնայի սարսափելի մրցակցուհին, թշնամիներ էին։ Հասկանալի է, հիստերիկա, ուշագնացություն։ Պլատոնը կորավ։ Հասկանալի է, որ եթե այդ հետաքրքիր րոպեին Պետյան որևէ տեղից ծաղկեփունջ ճարեր, ապա Նրա գործերը կարող էին շատ առաջ գնալ, այդպիսի դեպքերում կնոջ շնորհակալությունն անսահման է։ Խելագարի նման դեսդեն է ընկնում, բայց անհնարին բան է, խոսք անգամ չի կարող լինել։ Հանկարծ նրան հանդիպում եմ արդեն երեկոյան տասնմեկին ծննդյան օրվա ու պարահանդեսի նախօրեին, Օրդինցևի հարևանուհու՝ Մարյա Պետրովնա Զուբկովայի մոտ։ Փայլում է։ «Քեղ ի՞նչ է պատահել»։— «Գտե՜լ եմ։ Էվրիկա»։— «Դե, եղբայր, այ թե զարմացրիր ինձ։ Որտեղի՞ց։ Ինչպե՞ս»։ — «Եկշայսկում (այնտեղ մի այդպիսի պստլիկ քաղաք կա, ընդամենը քսան վերստի վրա և մեր գավառի մեջ չի մտնում), այնտեղ Տրեպալով ազգանունով մի վաճառական կա, մորուքավոր ու հարուստ, ապրում է պառավ կնոջ հետ և երեխաների փոխարեն միայն դեղձանիկներ ունի։ Երկուսն էլ ծաղկի սիրահարներ են, նա կամելիաներ ունի»։— «Ներիր, բայց դա հաստատ բան չէ․ հանկարծ ու չտա՞»։— «Ծնկի կգամ և նրա ոտների առաջ թավալ կտամ այնքան ժամանակ, մինչև որ տա, առանց դրա չեմ վերադառնա»։— «Իսկ ե՞րբ ես գնում»։― «Վաղը լույսը չբացված, ժամը հինգին»։— «Դե, տեր ընդ քեզ»։ Եվ գիտե՞ք, այնպես ուրախ եմ նրա համար. վերադառնում եմ Օրդինցևի մոտ, վերջապես, արդեն ժամը երկուսն է դառնում, բայց միտքս շարունակ դրանով է զբաղված։ Ուզում էի արդեն պառկել քնելու, հանկարծ մի շատ հետաքրքիր միտք ծագեց գլխումս։ Անմիջապես անցնում եմ խոհանոց, զարթնեցնում եմ կառապան Սավելիին, տասնհինգ ռուբլի եմ տալիս նրան՝ «կես ժամում ձիերը լծիր»։ Կես ժամ անց, հասկանալի է, սայլակը դարպասի մոտ է։ Ասացին, որ Անֆիսա Ալեքսեևնայի գլուխը ցավում է, տենդում ու զառանցում է, նստում ու գնում եմ։ Ժամը հինգը չկա, ես արդեն Եկշայսկում եմ, իջևանատանը. սպասեցի մինչև լուսաբաց և միայն մինչև լուսաբաց. ժամը յոթը չեղած արդեն Տրեպալովի տանն եմ։ «Այսպես ու այսպես, կամելիաներ ունե՞ք։ Հարազատ հայր, օգնիր, փրկիր, ոտներդ կընկնեմ»։ Տեսնում եմ, բարձրահասակ ծերունի է, ալեհեր, խստաբարո, սարսափելի ծերունի է։ «Չէ որ չէ, ո՛չ մի կերպ։ Համաձայն չեմ»։ Ես թրըմը՜փ նրա ոտների առաջ։ «Ի՜նչ եք անում, եղբայր, ի՜նչ եք անում, այ հերս»,— նույնիսկ վախեցավ։ «Ախր այստեղ կյանքի խնդի՜ր է»,— բղավում եմ նրան։ «Դե, վերցրեք, որ էդպես է, աստված ձեզ հետ։ Ա՜յ թե քաղեցի կարմիր կամելիաներ, հրա՜շք, հիացք, մի ամբողջ փոքրիկ ջերմոց ուներ նա։ Հոգոց է հանում ծերունին։ Հանում եմ հարյուր ռուբլի։ «Է՜, ոչ, եղբայր, մի բարեհաճեք ինձ այդպես վիրավորել»։— «Որ էդպես է, ասում եմ, պատվելի, բարեհաճեցեք այս հարյուր ռուբլին այստեղի հիվանդանոցին տալ, ծախսերը հոգալու և սնունդը բարելավելու համար»։— «Այ, դա, ասում է, եղբայր, ուրիշ բան է, և բարի, և ազնիվ, և աստվածահաճո գործ է, հենց ձեր ողջության համար կտամ»։ Եվ գիտե՞ք, ինձ դուր եկավ այդ ռուս ծերունին, այսպես ասած, զտարյուն ռուսը, de la vrai souche[18]։ Հաշողությունից հիացած, անմիջապես վերադարձի ճամփան եմ բռնում, վերադառնում ենք զարտուղի ճանապարհով, որպեսզի Պետյային չհանդիպենք։ Հենց որ տեղ հասա, ծաղկեփունջն անմիջապես ուղարկեցի, որպեսզի Անֆիսա Ալեքսեևնան հենց որ արթնանա, տեսնի։ Կարող եք պատկերացնել նրա հիացմունքը, շնորհակալությունը, շնորհակալության արցունքները։ Պլատոնը՝ դեռ երեկ սպանված ու մեռած Պլատոնը, հեկեկում է իմ կրծքին։ Ավա՜ղ։ Բոլոր ամուսիններն այդպես են... Օրինական ամուսնության ստեղծումից ի վեր։ Ոչինչ չեմ համարձակվում ավելացնել, միայն թե խեղճ Պետյայի գործերը այդ միջադեպից հետո վերջնականապես փուլ եկան։ Սկզբում ես կարծում էի, թե նա ինձ կմորթի, հենց որ իմանա, նույնիսկ արդեն պատրաստվել էի դիմավորել, բայց պատահեց մի բան, որին ես նույնիսկ չէի հավատա․ ուշագնաց է լինում, երեկոյան դեմ սկսվում է զառանցանք, առավոտյան դեմ՝ տենդ․ մանկան պես հեկեկում է, ջղաձգության մեջ գալարվում։ Միայն մի ամիս հետո առողջացավ, Կովկաս մեկնեց. իսկական սիրավեպ ստացվեց։ Վերջացրեց նրանով, որ Ղրիմում սպանվեց։ Դեռ այն ժամանակ նրա եղբայրը՝ Սաեպան Վորխովսկին, գնդի հրամանատար էր, աչքի էր ընկել։ Խոստովանում եմ, հետո նույնիսկ շատ տարիներ անց խիղճս տանջում էր ինձ, ինչի՞ համար, ինչո՞ւ այդպես խոցեցի նրան։ Ուրիշ բան, եթե գոնե ինքս սիրահարված լինեի այն ժամանակ։ Այնինչ պարզապես չարաճճիություն էր, պատճառը ամենասովորական կնամոլությունն էր, ոչ ավելի։ Եվ եթե այդ ծաղկեփունջը նրա ձեռքից խլած չլինեի, ով գիտե, մարդը մինչև հիմա ապրելիս կլիներ, երջանիկ կլիներ, հաջողություն կունենար և մտքով չէր անցկացնի թուրքի գնդակների տակ ընկնել։

Աֆանասի Իվանովիչը ձայնը կտրեց նույն ծանրախոհ արժանապատվությամբ, որով սկսել էր պատմությունը։ Նկատեցին, որ Նաստասյա Ֆիլիպովնայի աչքերը ինչ֊որ առանձնահատուկ ձևով փայլատակեցին և նույնիսկ շրթունքները ցնցվեցին, երբ Աֆանասի Իվանովիչն ավարտեց։ Բոլորը հետաքրքրությամբ նայում էին նրանց երկուսին։

— Ֆերդիշչենկոյի հախից եկաք։ Ա՜յ թե հախից եկաք։ Չէ, մարդու հախից էսպե՜ս կգան,— լալագին ձայնով բացականչեց Ֆերդիշչենկոն, հասկանալով, որ կարելի է և պետք է մի խոսք ասի։

— Իսկ ձեզ ո՞վ է իրավունք տվել գործը չհասկանալ։ Դե ահա սովորեցեք խելոք մարդկանցից,― նրա խոսքը կտրեց գրեթե հաղթական տոնով Դարյա Ալեքսեևնան (Տոցկու վաղեմի ու հավատարիմ բարեկամուհին ու գործակիցը)։

— Դուք իրավացի եք, Աֆանասի Իվանովիչ, սա շատ ձանձրալի պտի֊ժյո է և պետք է շուտով վերջացնել,― անփութորեն ասաց Նաստասյա Ֆիլիպովնան,— ինքս կպատմեմ, ինչ որ խոստացել էի, և եկեք բոլորս թուղթ խաղանք։

— Բայց ամենից առաջ խոստացած անեկդոտը,― տաք֊տաք հավանություն տվեց գեներալը։

— Իշխան,— հանկարծ կոշտ ու անսպասելի նրան դիմեց Նաստասյա Ֆիլիպովնան,— ահա այստեղ իմ հին բարեկամները, գեներալը և Աֆանասի Իվանովիչն ինձ շարունակ ուզում են ամուսնացնել։ Ասացեք ինձ, ի՞նչ եք կարծում, ամուսնանա՞մ, թե ոչ։ Ինչպես որ ասեք, այնպես էլ կանեմ։

Աֆանասի Իվանովիչը գույնը թռցրեց, գեներալը քարացավ, բոլորը աչքները չռեցին և գլուխներն առաջ գցեցին։ Գանյան սառեց տեղում։

— Ո՞ւմ... ո՞ւմ հետ,— նվաղուն ձայնով հարցրեց իշխանը։

— Գավրիլա Արդալիոնովիչ Իվոլգինի,— շարունակեց Նաստասյա Ֆիլիպովնան առաջվա պես կոշտ, հաստատուն ու հատու։

Անցավ լռության մի քանի վայրկյան. իշխանը կարծես թե ճգնում էր, բայց չէր կարողանում խոսք արտասանել, ասես մի սարսափելի ծանրություն ճնշում էր նրա կուրծքը։

— Ո֊ոչ... մի ամուսնացեք,— շշնջաց նա վերջապես, և գժվարությամր շունչը ետ բերեց։

— Թող հենց այդպես էլ լինի, Գավրիլա Արդալիոնովիչ,— տիրաբար և մի տեսակ հանդիսավորությամբ դիմեց նրան Նաստասյա Ֆիլիպովնան,— դուք լսեցի՞ք, ինչպես վճռեց իշխանը։ Դե հենց դա էլ իմ պատասխանն է, և թող այս գործը մեկընդմիշտ վերջացած համարվի։

— Նաստա՜սյա Ֆիլիպովնա,— դողդոջուն ձայնով ասաց Աֆանասի Իվանովիչը։

— Նաստա՜սյա Ֆիլիպովնա,— համոզիչ, բայց տագնապած ձայնով արտասանեց գեներալը։

Բոլորը տեղներից շարժվեցին և անհանգստացան։

— Այս ի՞նչ է, պարոնայք,— շարունակում էր Նաստասյա Ֆիլիպովնան, կարծես զարմացած նայելով հյուրերին։— Ինչո՞ւ այդպես իրար անցաք։ Եվ ինչպիսի՜ արտահայտություն ունեք բոլորդ։

— Բայց... մտաբերեք, Նաստասյա Ֆիլիպովնա,— կմկմալով քրթմնջաց Տոցկին,— դուք խոստում էիք տվել... միանգամայն կամավոր, և կարող էիք մասամբ խնայել... Ես դժվարանում եմ և... իհարկե, շփոթված եմ, բայց... Մի խոսքով, հիմա, մի այսպիսի րոպեի, և... և մարդկանց ներկայությամբ, և ամեն ինչ այսպես․․․ վերջացնել այսպիսի պտի֊ժյոյով լուրջ գործը, պատվի ու սրտի գործը, որից կախված է...

— Ձեզ չեմ հասկանում, Աֆանասի Իվանովիչ, դուք իրոք բոլորովին շփոթվում եք։ Նախ և առաջ, ինչ է նշանակում «մարդկանց ներկայությամբ»։ Մի՞թե մենք հիանալի մտերմիկ շրջանում չենք։ Եվ այստեղ ի՞նչ գործ ունի «պտի֊ժյոն»։ ես հիրավի ուզում էի պատմել իմ անեկդոտը, դե, ահա և պատմեցի. մի՞թե լավը չի։ Եվ ինչո՞ւ եք ասում, թե «լուրջ չէ»։ Մի՞թե սա լուրջ չէ։ Դուք լսեցիք, ես իշխանին ասացի՝ «ինչպես ասեք, այնպես էլ կլինի»․ այո ասեր՝ ես անմիջապես կտայի համաձայնությունս, բայց նա ասաց ոչ և ես մերժեցի։ Այստեղ իմ ամբողջ կյանքը մազից էր կախված. դրանից լուրջ ի՞նչ կարող էր լինել։

— Բայց իշխանը, ի՞նչ գործ ունի այստեղ իշխանը։ Եվ ի՞նչ է, վերջ ի վերջո, իշխանը,— մրթմրթաց գեներալը, գրեթե արդեն ի վիճակի չլինելով զսպել զաձրույթը իշխանի այդպիսի վիրավորական հեղինակության դեմ։

— Իշխանն ինձ համար այն է, որ ամբողջ կյանքումս առաջին անգամ նրան հավատացի որպես ինձ անկեղծորեն հավատարիմ մարդու։ Նա ինձ առաջին հայացքից հավատաց, ես էլ նրան եմ հավատում։

— Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել Նաստասյա Ֆիլիպովնայի այն արտասովոր նրբանկատության համար, որով... ինձ հետ վարվեց,― վերջապես դողդոջուն ձայնով և ծամածռվող շրթունքներով ասաց դժգունած Գանյան,— դա, իհարկե, այդպես էլ պետք է լիներ... Բայց... իշխանը... Իշխանն այս գործում...

— Յոթանասունհինգ հազարի՞ն է ուզում տիրանալ, ինչ է,— հանկարծ նրա խոսքը կտրեց Նաստասյա Ֆիլիպովնան,— ա՞յդ եք ուզում ասել։ Մի՛ թաքցրեք, դուք անպայման այդ էիք ուզում ասել։ Աֆանասի Իվանովիչ, ես մոռացա ավելացնել. այդ յոթանասունհինգ հազարը ձեզ վերցրեք և իմացեք, որ ձեզ ազատ եմ արձակում ձրի։ Բավական է։ Չէ՞ որ դուք էլ պետք է շունչ քաշեք։ Ինը տարի և երեք ամիս։ Վաղը նոր ձևով կլինի, իսկ այսօր ես անվանակոչիկ եմ և իմ գլխի տերն եմ, ամբողջ կյանքումս առաջին անգամ։ Գեներալ, դուք էլ վերցրեք ձեր մարգարիտը, նվիրեցեք ձեր կնոջը, ահա այն․ իսկ վաղվանից բոլորովին հեռանում եմ նաև բնակարանից։ Եվ այլևս երեկույթներ չեն լինի, պարոնա՛յք։

Այդ ասելով, նա հանկարծ վեր կացավ, կարծես ուզենալով հեռանալ։

― Նաստասյա Ֆիլիպովնա, Նաստասյա Ֆիլիպովնա,— լսվեց ամեն կողմից։ Բոլորն իրար անցան, բոլորը վեր կացան տեղներից. բոլորը շրջապատեցին նրան, բոլորն անհանգստացած լսում էին այդ հուզումնալից, տենդոտ, մոլեգին խոսքերը. բոլորն զգում էին ինչ֊որ անկարգություն, ոչ ոք չէր կարող մի մտքի հանգել, ոչ ոք չէր կարող ոչինչ հասկանալ։ Այդ ակնթարթին հանկարծ հնչեց զանգի զրնգուն, ուժգին ձայնը, ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես առավոտյան հնչեց Գանեչկայի բնակարանում։

— Ա֊ա֊ա՜։ Ահա՜ և վախճանը։ Վերջապե՜ս։ Տասներկուսի կեսն է,— ճչաց Նաստասյա Ֆիլիպովնան,― խնդրում եմ նստեք, պարոնայք, սա վերջն է։

Այս ասելով, նա ինքը նստեց։ Մի տարօրինակ ծիծաղ էր թրթռում նրա շուրթերին։ Նա նստել էր լուռ, տենդագին սպասման մեջ և նայում էր դռանը։

— Ռագոժինն է և հարյուր հազարը, կասկած չկա,— ինքնիրեն մրթմրթաց Պտիցինը։

XV

Սաստիկ վախեցած ներս մտավ աղախին Կատյան։

— Այնտեղ աստված գիտի թե ինչ է, Նաստասյա Ֆիլիպովնա, մի տասը հոգի ներս են թափվել, և բոլորը գինովցած, խնդրում են այստեղ թողնել, ասում են, Ռոգոժինն է, և որ դուք ինքներդ գիտեք։

— Ճիշտ է, Կատյա, բոլորին անմիջապես ներս թող։

— Մի՞թե... բոլորին, Նաստասյա Ֆիլիպովնա։ Ախր բոլորովին այլանդակ են։ Սոսկալի՜ բան։

— Բոլորին, բոլորին ներս թող, Կատյա, մի վախիր, բոլորին, մինչև վերջինը, թե չէ առանց քեզ էլ կմտնեն։ Տես թե արդեն ինչպես են աղմկում, ճիշտ առավոտվա պես։ Պարոնայք, գուցե դուք վիրավորվո՞ւմ եք,― դիմեց նա հյուրերին,— որ ես ձեր ներկայությամբ այդպիսի խումբ եմ ընդունում։ Ես շատ եմ ցավում և ներողություն եմ խնդրում, բայց այսպես է պետք, իսկ ես շատ, շատ կուզենայի, որ դուք բոլորդ համաձայնեիք այս վախճանի ժամանակ իմ վկաները լինել, թեև ասենք, ինչպես կամենաք...

Հյուրերը շարունակում էին զարմանալ, շշնջալ ու հայացքներ փոխանակել, բայց միանգամայն պարզ դարձավ, որ այդ ամենը հաշված ու վաղօրոք սարքած բան էր, և որ Նաստասյա Ֆիլիպովնային, թեև նա, իհարկե, խելագարվել է, հիմա էլ կոտրել չի լինի։ Բոլորին սաստիկ տանջում էր հետաքրքրությունը։ Ըստ որում, ոչ մեկն էլ շատ վախենալու բան չուներ։ Տիկնայք ընդամենը երկուսն էին. Դարյա Ալեքսեևնան՝ ժիր և շատ բաներ տեսած կին, որին դժվար էր շշկլեցնել, և հիասքանչ, բայց լռակյաց անծանոթուհին։ Բայց լռակյաց անծանոթուհին հազիվ թե կարողանար որևէ բան հասկանալ. դա եկվոր գերմանուհի էր և ռուսերենից ոչինչ չէր հասկանում, բացի այդ, կարծես, նույնքան հիմար էր, որքան և հիասքանչ։ Նա նոր մարդ էր, և արդեն ընդունված էր նրան հրավիրել որոշ երեկույթների, շքեղագույն զգեստով, կարծես ցուցահանդեսի համար սանրված, և նստեցնել ինչպես հիանալի պատկեր, որպեսզի զարդարի երեկոն, ճիշտ այնպես, ինչպես ոմանք իրենց երեկույթների համար ծանոթների մոտից ճարում են մի անգամվա համար որևէ պատկեր, վազա, արձան կամ էկրան։ Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա Պտիցինն, օրինակ, բարեկամ էր Ռոգոժինին. Ֆերդիշչենկոն իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում. Գանեչկան մինչև հիմա դեռ չէր կարողանում ուշքի գալ, սակայն թեև աղոտ, բայց անզուսպ կերպով ինքը տենդագին պահանջ էր զգում մինչև վերջ կանգնել իր անարգանքի սյան մոտ, ծերուկ ուսուցիչը, որը քիչ էր հասկանում, թե բանն ինչ է, համարյա լաց էր լինում և տառացիորեն դողում էր վախից, տեսնելով ինչ֊որ արտասովոր տագնապ շուրջը և Նաստասյա Ֆիլիպովնայի մեջ, որին պաշտում էր ինչպես իր թոռնիկին. բայց նա ավելի շուտ կմեռներ, քան մի այդպիսի րոպեի կլքեր Նաստասյա Ֆիլիպովնային։ Ինչ վերաբերում է Աֆանասի Իվանովիչին, ապա, իհարկե, նա չէր կարող իրեն վարկաբեկել այդպիսի արկածներով, բայց նա խիստ շահագրգռված էր թեկուզև այդպիսի խելագար ընթացք ստացող այս գործում, բացի այդ, Նաստասյա Ֆփլիպովնան էլ նրա հասցեին մի երկու այնպիսի խոսք բաց թողեց, որ ոչ մի կերպ չէր կարելի գնալ առանց գործը վերջնականապես պարզաբանելու։ Նա վճռեց մինչև վերջ նստել և արդեն բոլորովին լռել և մնալ սոսկ դիտող, մի բան, որ, իհարկե, պահանջում էր նրա արժանապաավությունը։ Միայն գեներալ Եպանչինը, որին հենց նոր վիրավորել էին այդպես անփափկանկատ ու ծիծաղելի ձևով նրան վերադարձնելով նվերը, իհարկե, հիմա կարող էր ավելի ևս վիրավորվել այդ բոլոր անսովոր տարօրինակություններից կամ, ասենք, Ռոգոժինի հայտնվելուց. առանց այդ էլ, նրա պես մարդու համար արդեն չափից ավելի մեծ զիջողություն էր, որ համաձայնել էր նստել Պտիցինի և Ֆերդիշչենկոյի կողքին, բայց այն, ինչ կարող էր անել կրքի ուժը, դա կարող էր ի վերջո հաղթահարվել պարտականության զգացումով, պարտքի, աստիճանի և իր նշանակության զգացողությամբ և առհասարակ դեպի ինքն ունեցած հարգանքով, այնպես որ Ռոգոժինն իր խմբով, համենայն դեպս նորին գերազանցության ներկայությամբ, անհնարին էր։

— Ախ, գեներալ,— իսկույն նրա խոսքը կտրեց Նասաասյա Ֆիլիպովնան, հենց որ գեներալը նրան դիմեց հայտարարությամբ,— մոռացե՜լ էի։ Բայց համոզված եղեք, որ ձեր մասին նախատեսել էի։ Եթե ձեզ համար այդքան վիրավորական է, ապա չեմ պնդում և ձեզ չեմ պահում, թեև շատ կցանկանայի հիմա հենց ձեզ տեսնել ինձ մոտ։ Համենայն դեպս շատ շնորհակալ եմ ձեզնից ծանոթության և ձեր շոյիչ ուշադրության համար, բայց եթե վախենում եք․․․

— Ներեցեք, Նաստասյա Ֆիլիպովնա,― բացականչեց գեներալը ասպետական մեծահոգության պոռթկումով,— այդ ո՞ւմ եք ասում։ Ես լոկ նվիրվածությունից կմնամ ձեզ մոտ, և եթե, օրինակ, որևէ վտանգ կա․․․ Բացի այդ, ճիշտն ասած, ես չափազանց հետաքրքրվում եմ։ Միայն ես այն էի ուզում ասել, որ նրանք գորգերը կփչացնեն և, ով գիտե, որևէ բան կկոտրեն... Եվ իմ կարծիքով բոլորովին պետք չէ թողնել նրանց, Նաստոասյա Ֆիլիպովնա։

— Ռոգոժինն ի՜նքը,— ազդարարեց Ֆերդիշչենկոն։

― Ի՞նչ եք կարծում, Աֆանասի Իվանովիչ,— շտապ կարողացավ շշնջալ գեներալը սրա ականջին,— հո չի՞ խելագարվել։ Այսինքն, առանց այլաբանության, այլ իսկական բժշկական տեսակետից, հը՞։

— Ես ձեզ ասել եմ, որ նա միշտ էլ հակված է եղել դրան,— խորամանկորեն շշնջաց Աֆանասի Իվանովիչն ի պատասխան։

— Դրան ավելացրեք, որ տենդում է...

Ռոգոժինի խումբը գրեթե հենց նույն կազմով էր, ինչ որ այն ժամանակ առավոտյան. ավելացել էր միայն մի թեթևաբարո ծերուկ, որը ժամանակին ինչ֊որ անառակ մերկացնող թերթուկի խմբագիրն էր եղել, և որի մասին անեկդոտ էր տարածված, թե նա գրավ է դրել և խմիչքի է տվել իր դնովի ոսկե ատամները, և մի պաշտոնաթող պոդպորուչիկ, արհեստով ու զբաղմունքով վճռական ախոյանն ու մրցակիցը առավոտվա բռունցքավոր պարոնի, որը ռոգոժինականներից բացարձակապես ոչ մեկի ծանոթը չէր, բայց իրենց հետ վերցրել էին փողոցից, Նևսկի պողոտայի արևկող կողմից, որտեղ նա կանգնեցնում էր անցորդներին և Մառլինսկու ոճով օգնություն էր խնդրում այն խորամանկ պատրվակով, որ նա ինքը «ժամանակին տասնհինգական ռուբլի էր տալիս խնդրողներին»։ Երկու մրցակիցն էլ անմիջապես թշնամաբար վերաբերվեցին միմյանց։ Առավոտվա բռունցքավոր պարոնը «խնդրարկուին» խմբի մեջ ընդունելուց հետո իրեն նույնիսկ վիրավորված համարեց և, բնականից լռակյաց լինելով, երբեմն միայն արջի պես մռնչում էր և խոր արհամարհանքով էր նայում, թե ինչպես է շողոքորթում ու նրա առաջ քծնում «խնդրարկուն», որը բարեկիրթ ու քաղաքագետ մարդ դուրս եկավ։ Արտաքուստ պոդպորուչիկը խոստանում էր «գործի մեջ» հաղթանակ տանել ավելի շատ ճարպկությամբ ու հնարագիտությամբ, քան թե ուժով, և հասակով էլ ավելի ցածր էր բռունցքավոր պարոնից։ Քաղաքավարի, բացահայտ վեճի չբռնվելով, բայց սաստիկ պարծենալով, նա արդեն մի քանի անգամ ակնարկել էր անգլիական բռնցքամարտի առավելությունները, մի խոսքով պարզվեց, որ զտարյուն արևմտական է։ Բռունցքավոր պարոնը «բռնցքամարտ» բառը լսելիս միայն արհամարհական ու վիրավորված ժպտում էր և, իր կողմից, մրցակցին չարժանացնելով բացահայտ բանավեճի, երբեմն լուռ, կարծես պատահաբար ցույց էր տալիս կամ, լավ է ասել, երբեմն ցուցադրաբար առաջ էր մղում մի բոլորովին ազգային բան՝ ջղուտ, հանգուցավոր, մի տեսակ շիկակարմիր աղվամազով պատած հսկայական բռունցքը, և բոլորի համար պարզ էր դառնում, որ եթե այդ խորապես ազգային բանը անվրեպ իջնի որևէ առարկայի վրա, ապա իրոք մենակ թաց տեղը կմնա։

Ինչպես և առավոտյան, դարձյալ նրանցից ոչ մեկը շատ «լուլ» չէր, շնորհիվ Ռոգոժինի ջանքերի, որն ամբողջ օրը նկատի ուներ իր այցելությունը Նաստասյա Ֆիլիպովնային։ Իսկ անձամբ ինքը արդեն գրեթե բոլորովին սթափվել էր, բայց փոխարենը քիչ էր մնացել, որ ցնդեր իր ամբողջ կյանքի այդ ամենաայլանդակ և ոչ մի բանի չնմանող օրվա բոլոր տպավորություններից։ Միայն մի բան էր շարունակաբար, ամեն րոպե և ամեն վայրկյան մնում նրա աչքի առաջ, հիշողության ու սրտի մեջ։ Այդ մի բանի համար էր նա անցկացրել ամբողջ ժամանակը, կեսօրվա ժամը հինգից ընդհուպ մինչև տասնմեկը, անհանգստությունը, թախիծն ու տագնապը սրտում, դեսուդեն ընկել Կինդերների ու Բիսկուպների հետ, որոնք նույնպես քիչ մնաց գժվեին, նրա կարիքը հոգալու համար խելագարի պես այս ու այն կողմ նետվելով։ Եվ, սակայն, համենայն դեպս, հարյուր հազարը գործածական փողով, որի մասին հարևանցի, ծաղրաբար և բոլորովին անորոշ ակնարկել էր Նաստասյա Ֆիլիպովնան, գոյացել էր, այնպիսի տոկոսներով, որոնց մասին նույնիսկ Բիսկուպն ինքը, ամաչելուց, Կինդերի հետ խոսում էր ոչ թե բարձրաձայն, այլ միայն շշուկով։

Ինչպես և առավոտյան, Ռոգոժինը քայլում էր բոլորի առջևից, մնացածները շարժվում էին նրա հետևից, թեպետև իրենց առավելությունների լիակատար գիտակցությամբ, բայց համենայն դեպս մի քիչ վախվխելով։ Գլխավորը, և աստված գիտի թե ինչու, նրանք վախենում էին Նաստասյա Ֆիլիպովնայից։ Նրանցից ոմանք նույնիսկ կարծում էին, որ իրենց բոլորին անմիջապես «ցած կքշեն սանդուղքից»։ Ի միջի այլոց, այդպես կարծողներից մեկն էլ պճնամոլ և սրտերը գերող Զալյոժովն էր։ Բայց մյուսները, և գերազանցապես բռունցքավոր պարոնը, թեև ոչ բարձրաձայն, բայց սրտի խորքում, Նաստասյա Ֆիլիպովնային վերաբերվում էին ամենախոր արհամարհանքով և նույնիսկ ատելությամբ և նրա մոտ գնում էին ինչպես պաշարման գնալիս։ Բայց առաջին երկու սենյակների հոյակապ կահավորանքը, նրանց համար չտեսնված ու չլսված իրերը, հազվագյուտ կահ֊կարասին, պատկերները, Վեներայի հսկայական արձանը, այդ բոլորը նրանց վրա հարգանքի և համարյա վախի անդիմադրելի տպավորություն գործեցին։ Դա չխանգարեց, իհարկե, որ նրանք բոլորը, չնայած վախին, կամաց֊կամաց և լրբենի հետաքրքրությամբ Ռողոժինի հետևից խցկվեցին հյուրասենյակ. բայց երբ բռունցթավոր պարոնը, «խնդրարկուն» և մի քանի ուրիշներ հյուրերի թվում տեսան գեներալ Եպանչինին, ապա առաջին պահին վստահությունն այնպես կորցրին, որ նույնիսկ սկսեցին քիչ-քիչ ետ նահանջել մյուս սենյակը։ Միայն Լեբեդևն էր առավել քաջալերվածների և համոզվածների թվում և քայլում էր գրեթե Ռոգոժինի կողքին, հասկանալով, թե ինչ է նշանակում մեկ միլիոն չորս հարյուր հազար զուտ դրամը և հարյուր հազարը այժմ, հենց հիմա, ձեռքի տակ։ Ի դեպ, պետք է ասել, որ նրանք բոլորը, չբացառած նույնիսկ քաջագիտակ Լեբեդևին, մի քիչ մոլորվում էին իրենց հզորության չափի ու սահմանի իմացության հարցում և այն հարցում, թե արդյոք հիրավի՞ հիմա իրենց ամեն ինչ թույլատրված է։ Որոշ վայրկյաններ Լեբեդևը պատրաստ էր երդվելու, որ ամեն ինչ, բայց այլ վայրկյանների՝ անհանգիստ անհրաժեշտություն էր զգում ամեն պարագայի համար մտքում վերհիշել օրենքների ժողովածուի մի քանի և գերազանցապես քաջալերիչ ու հանգստացուցիչ հոդվածները։

Ռոգոժինի վրա Նաստասյա Ֆիլիպովնայի հյուրասենյակը հակառակ տպավորություն գործեց, քան նրա բոլոր ուղեկիցների վրա։ Հենց որ վարագույրը բացվեց ու նա տեսավ Նաստասյա Ֆիլիպովնային, մնացած ամեն ինչ դադարեց նրա համար գոյություն ունենալուց, ինչպես և այն ժամանակ առավոտյան, նույնիսկ առավել հուժկու, քան այն ժամանակ առավոտյան։ Նա գույնը գցեց և մի ակնթարթ կանգ առավ. կարելի էր կռահել, որ նրա սիրտը սաստիկ բաբախում է։ Երկչոտ ու մոլորված, առանց աչքը կտրելու, մի քանի վայրկյան նա նայում էր Նաստասյա Ֆիլիպովնային։ Հանկարծ, կարծես ամբողջ խելքը կորցրած և գրեթե օրորվելով, նա մոտեցավ սեղանին, ճանապարհին նա դիպավ Պտիցինի աթոռին և իր կեղտոտ հսկա սապոգներով կոխեց լռակյաց գերմանուհի գեղեցկուհու հոյակապ երկնագույն ղգեստի ժանյակե բոլորազարդը. ներողություն չխնդրեց ու չնկատեց։ Սեղանին մոտենալով, դրա վրա դրեց մի տարօրինակ առարկա, որը երկու ձեռքով իր առջև բռնած մտել էր հյուրասենյակ։ Դա թղթի մի մեծ փաթեթ էր, մոտ երեք վերշոկ բարձրությամբ և մոտ չորս վերշոկ երկարությամբ, ամուր ու պինդ փաթաթած «Բիրժեվիե վեդոմոստի» լրագրի մեջ և բոլոր կողմերից երկու անգամ խաչաձև ու շատ ամուր կապկապած այնպիսի պարանով, որով կապկապում են շաքարի գլուխները։ Ապա առանց մի խոսք ասելու կանգնեց ու ձեռները ցած գցեց, կարծես սպասելով իր դատավճռին։ Նրա հագուստը բոլորովին նույնն էր, ինչ որ առավոտյան, բացի վզին գցած կարմրախառն վառ կանաչ, բոլորովին նոր մետաքսե շարֆից, բզեզ հիշեցնող մի հսկա ադամանդե քորոց վրան, և աջ ձեռքի կեղտոտ մատին դրած ադամանդե հոծ մատանուց։ Լեբեդևը կանգ առավ սեղանից մի երեք քայլ հեռու. մնացածները, ինչպես ասված էր, կամաց-կամաց հավաքվում էին հյուրասենյակում։ Նաստասյա Ֆիլիպովնայի աղախինները Կատյան ու Պաշան, նույնպես մոտ վազեցին, խորին զարմանքով ու վախով մտիկ տալու դռան վեր քաշած վարագույրի հետևից։

— Դա ի՞նչ է,— հարցրեց Նաստասյա Ֆիլիպովնան, ուշադիր ու հետաքրքրությամբ զննելով Ռոգոժինին և աչքերով ցույց տալով «առարկան»։

— Հարյուր հազար,— գրեթե շշուկով պատասխանեց նա։

— Հա՜, խոսքը կատարեց, ինչպիսի՜ն է։ Նստեցեք, խնդրեմ, ահա այստեղ, ահա այս աթոռին. ես ձեզ հետո որևէ բան կասեմ։ Ովքե՞ր են ձեզ հետ։ Այն ժամանակվա ամբողջ խո՞ւմբը։ Դե, թող ներս գան ու նստեն։ Ահա այնտեղ բազմոցին կարելի է, ահա մի բազմոց էլ․․․ Ահա այնտեղ երկու բազկաթոռ կա... այդ ինչ է, չե՞ն ուզում։

Իրոք, մի քանիսը վերջնականապես շփոթվեցին, նահանջեցին ու մյուս սենյակում նստեցին սպասելու, բայց ոմանք մնացին ու հրավերն ընդունելով նստեցին, բայց սեղանից հեռու, ավելի շատ անկյուններում, մի քանիսը դեռ ցանկանալով որոշ չափով աննկատելի մնալ, մյուսները գնալով ավելի ու ավելի և մի տեսակ անբնականորեն արագ քաջալերվելով։ Ռոգոժինը նույնպես նստեց իրեն ցույց տված աթոռին, բայց երկար չմնաց նստած. նա շուտով վեր կացավ ու այնուհետև այլևս չնստեց։ Կամաց֊կամաց նա սկսեց տարբերել ու դիտել հյուրերին։ Գանյային տեսնելով, նա թունալի ժպտաց ու ինքն իրեն շշնջաց. «Հլա տե՜ս»։ Գեներալին ու Աֆանասի Իվանովիչին նա նայեց առանց շփոթմունքի, նույնիսկ առանց առանձնահատուկ հետաքրքրության։ Բայց երբ Նաստասյա Ֆիլիպովնայի կողքին նկատեց իշխանին, ապա երկար ժամանակ չէր կարողանում աչքը կտրել նրանից, սաստիկ զարմացած և կարծես ի վիճակի չլինելով իրեն հաշիվ տալ այդ հանդիպման համար։ Կարելի էր կասկածել, որ որոշ րոպեներ նա իսկական զառանցանքի մեջ էր լինում։ Բացի այդ օրվա բոլոր ցնցումներից, նա ամբողջ անցյալ գիշերը վագոնում էր անցկացրել և գրեթե երկու օր ու գիշեր չէր քնել։

— Սա, պարոնայք, հարյուր հազար է,― ասաց Նաստասյա Ֆիլիպովնան՝ դիմելով բոլորին ինչ֊որ տենդագին֊անհամբեր մարտահրավերով,― ահա այս կեղտոտ փաթեթի մեջ։ Այն ժամանակ ահա սա խելագարի պես բղավեց, որ երեկոյան ինձ հարյուր հազար կբերի, և ես սպասում էի նրան։ Նա իմ գինն էր որոշում. սկսեց տասնութ հազարից, հետո հանկարծ թռավ քառասուն հազարի, իսկ հետո, ահա այս հարյուր հազարը։ Համենայն դեպս խոսքը պահեց։ Թու, ինչ գունատ է նա... Այդ ամենը առավոտյան Գանեչկայենց տանը տեղի ունեցավ. ես այցելության էի գնացել նրա մայրիկին, իմ ապագա ընտանիքը, իսկ այնտեղ նրա քույրը երեսս ի վեր բղավեց. «Մի՞թե այս անամոթին ոչ ոք չի վռնդի այստեղից, իսկ Գանեչկայի՝ եղբոր երեսին թքեց։ Հաստատակա՜մ աղջիկ է։

— Նաստասյա Ֆիլիպովնա,― կշտամբանքով արտասանեց գեներալը։

Նա սկսում էր մասամբ հասկանալ բանը յուրովի։

— Ի՞նչ է, գեներալ։ Չլինի՞ անվայելուչ է։ Հերիք է ձևեր թափել։ Որ ես ֆրանսիական թատրոնում, օթյակում, նստում էի ինչպես դստիկոնի անմատչելի առաքինություն և բոլորից, ովքեր հետևիցս էին ընկնում հինգ տարի, վայրենու պես խուսափում էի, և նայում էի որպես հպարտ անմեղություն, չէ՞ որ այդ ամբողջ հիմարությունը հոգիս հանել է։ Ահա, հենց ձեր աչքի առաջ, եկավ ու սեղանին դրեց հարյուր հազար, հինգ տարվա անմեղությունից հետո, և հավանաբար սրանց տրոյկաները այնտեղ կանգնած ինձ են սպասում։ Ինձ հարյուր հազա՜ր գնահատեցին։ Գանեչկա, տեսնում եմ. մինչև հիմա բարկացա՞ծ ես ինձ վրա։ Մի՞թե դու ուզում էիր ինձ քո ընտանիքը մտցնել։ Ի՛նձ՝ Ռոգոժինին պատկանողի՜ս։ Իշխանն ի՞նչ ասաց քիչ առաջ։

— Ես այն չասացի, թե դուք Ռոգոժինինն եք, դուք Ռոգոժինինը չե՛ք,— դողդոջուն ձայնով ասաց իշխանը։

— Նաստասյա Ֆիլիպովնա, հերիք է, սիրելիս, հերիք է, աղավնյակս,— չդիմացավ հանկարծ Դարյա Ալեքսեևնան,— թե որ նրանք քեզ այդքան ցավ պատկառեցին, էլ ի՞նչ ես նայում նրանց։ Եվ մի՞թե դրա պեսի հետ ուզում ես գնալ, թեկուզև հարյուր հազար լինի տվածը։ Ճիշտ է, հարյուր հազարը քիչ բան չի։ Դու էլ հարյուր հազարը վերցրու, իսկ նրան վռնդիր, ահա թե ինչպես պետք է վարվել նրանց հետ. է՜խ, քո տեղը լինեի, նրանց բոլորին․․․ Սա ի՞նչ բան է, իսկապե՜ս։

Դարյա Ալեքսեևնան նույնիսկ զայրացավ։ Նա բարի և շատ դյուրազգաց կին էր։

— Մի բարկանա, Դարյա Ալեքսեևնա,— քմծիծաղ տալով ասաց նրան Նաստասյա Ֆիլիպովնան,— ես նրան բարկանալով չասացի։ Նրան կշտամբեցի՞, ինչ է։ Ես իսկապես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս խելքիս փչեց այգդ հիմարությունը, որ ուզում էի ազնիվ ընտանիք մտնել։ Տեսա նրա մորը, ձեռքը համբուրեցի։ Իսկ որ այն ժամանակ ձեր տանը ծաղր էի անում, Գանեչկա, ապա դիտմամբ ուզում էի ինքս վերջին անգամ տեսնել, թե դու մինչև ուր կարող ես հասնել։ Բայց ա՜յ թե զարմացրիր ինձ, ճշմարիտ։ Շատ բան էի սպասում, բայց դա՝ ոչ։ Մի՞թե իսկապես դու կարող էիր ինձ առնել, իմանալով, որ ահա նա ինձ այսպիսի մարգարիտ է նվիրում, համարյա քո ամուսնության նախօրեին, իսկ ես վերցնում եմ։ Իսկ Ռոգոժի՞նը։ Ախր նա քո տանը, քո մոր ու քրոջ ներկայությամբ, ինձ գին էր կտրում, իսկ դու ահա դրանից հետո այնուամենայնիվ խնամախոսելու ես եկել, և քիչ էր մնում քրոջդ էլ հետդ բերեիր։ Մի՞թե Ռոգոժինը ճիշտ ասաց քո մասին, որ երեք ռուբլու համար մինչև Վասիլևսկի կղզին սողեսող կհասնես։

— Կհասնի,— հանկարծ ասաց Ռոգոժինը ցածրաձայն, բայց մեծագույն համոզվածությամբ։

— Եվ ո՛վ բան կասեր, եթե դու քաղցից մեռնելիս լինեիր, բայց չէ՞ որ, ասում են, դու լավ ռոճիկ ես ստանում։ Եվ ի լրումն ամենի, բացի խայտառակությունից, ատելի կի՜ն բերել տուն։ (Որովհետև չէ՞ որ դու ինձ ատում ես, ես գիտեմ այդ)։ Չէ՛, հիմա ես հավատում եմ, որ քեզ նմանը փողի համար մարդ կմորթի։ Ախր հիմա բոլորին այնպիսի ծարավ է համակել, փողն այնպիսի ցավ է դարձել նրանց համար, որ կարծես խելքները թռցրել են։ Ինքը երեխա է, բայց քիթը խոթում է վաշխառության մեջ։ Կարող է և ածելու վրա մետաքս փաթաթել, ամրացնել և հետևից կամացուկ մորթել բարեկամին ոչխարի պես, ինչպես կարդացել եմ նորերս։ Համա՜ թե անամոթն ես։ Ես անամոթն եմ, իսկ դու դրանից էլ վատթարն ես։ Ես այն ծաղկեփնջավորի մասին չեմ էլ խոսում․․․

— Մի՞թե, մի՞թե այդ դուք եք, Նաստասյա Ֆիլիպովնա,― իսկական ցավով ձեռներն իրար խփեց գեներալը,— դուք, որ այնքան քաղաքավարի եք, այնքան նուրբ մտքերով, և ահա։ Ինչպիսի՜ լեզու։ Ինչպիսի ոճ։

— Ես հիմա գինով եմ, գեներալ,― ծիծաղեց հանկարծ Նաստասյա Ֆիլիպովնան,― ես ուզում եմ քեֆ անել։ Այսօր իմ օրն է, իմ տոն օրը, իմ նահանջ օրը, ես վաղուց էի դրան սպասում։ Դարյա Ալեքսեևնա, տեսնում ես ահա այղ ծաղկեփնջավորին, ահա այդ monsieur aux camélias[19], ահա նա նստել ու ծիծաղում է մեզ վրա...

— Ես չեմ ծիծաղում, Նաստասյա Ֆիլիպովնա, ես միայն մեծագույն ուշաղրությամբ լսում եմ,― արժանապատվությամբ հարվածը ետ մղեց Տոցկին։

— Ահա, ինչո՞ւ էի ամբողջ հինգ տարի նրան տանջում և մոտիցս բաց չէի թողնում։ Մի՞թե արժանի է դրան։ Նա ուղղակի այնպիսին է, ինչպիսին պետք է լինի... Մեկ էլ տեսար ինձ մեղավոր կհամարի իր առաջ. չէ՞ որ դաստիարակություն է տվել, կոմսուհու պես է պահել, իսկ փո՜ղ, փո՜ղ ինչքան է ծախսել, դեռ այնտեղ ինձ համար ազնիվ ամուսին փնտրեց֊գտավ, իսկ այստեղ Գանեչկային. և ի՞նչ ես կարծում, այս հինգ տարին ես նրա հետ չէի ապրում, իսկ փող վերցնում էի նրանից և կարծում էի, որ իրավացի՜ եմ։ Ախր բոլորովին մոլորվել էի։ Ահա դու ասում ես՝ հարյուր հազարը վերցրու և վռնդիր, եթե նողկում ես։ Ճիշտ է, որ նողկալի է... Ես վաղուց կարող էի և ամուսնանալ, այն էլ ոչ թե Գանեչկայի հետ, բայց ախր էլի շատ զզվելի է։ Եվ հանուն ինչի՞ կորցրի իմ հինգ տարին, սրտումս այդ քենը պահած։ Բայց կհավատա՞ս թե ոչ, մի չորս տարի սրանից առաջ երբեմն մտածում էի, իսկապես չամուսնանա՞մ իմ Աֆանասի Իվանովիչի հետ։ Ես այն ժամանակ զայրույթից էի այդպես մտածում. ինչ ասես, որ այն ժամանակ մտքովս չէր անցնում, բայց ախր իսկապես կհարկադրեի։ Ինքն էր հետամուտ դրան, հավատո՞ւմ ես, թե ոչ։ Ճիշտ է, սուտ էր ասում, բայց ախր շատ ագահն է, դիմանալ չի կարող։ Բայց հետո, փառք աստծու, մտածեցի՝ արժանի՜ է նա այդպիսի զայրույթի։ Եվ այն ժամանակ հանկարծ այնպես զզվանք զգացի դեպի նա, որ եթե ինքն էլ խնամախոսեր, մարդու չէի գնա նրան։ Եվ ամբողջ հինգ տարի ես այդպես ֆորս էի անում։ Չէ՛, ավելի լավ է փողոց գնամ, որը հենց իմ տեղն է։ Կամ Ռոգոժինի հետ ինձ քեֆի տամ, կամ վաղն ևեթ լվացարարուհի դառնամ։ Ախր նրա համար, որ ինձ վրա ոչ մի սեփական բան չկա. կգնամ, ամեն ինչ նրան կնետեմ, վերջին լաթը կթողնեմ, իսկ առանց այդ ամենի ինձ ո՞վ կառնի, հարցրու ահա Գանյային, կառնի՞։ Նույնիսկ Ֆերդիշչենկոն չի առնի...

— Ֆերդիշչենկոն գուցե չի առնի, Նաստասյա Ֆիլիպովնա, ես անկեղծ մարդ եմ,— ընգհատեց Ֆերդիշչենկոն,— բայց իշխանը կառնի։ Դուք ահա նստել գանգատվում եք, բայց հալա մի իշխանին նայեցեք։ Ես վաղուց արդեն հետևում եմ․․․

Նաստասյա Ֆիլիպովնան հետաքրքրությամբ շրջվեց իշխանի կողմը։

― Ճի՞շտ,— հարցրեց նա։

— Ճիշտ,— շշնջաց իշխանը։

— Կառնեք, ինչպես որ կա՞մ, առանց ոչնչի՞։

— Կառնեմ, Նաստասյա Ֆիլիպովնա...

— Ահա և նոր անեկդոտ,— մրթմրթաց գեներալը։— Սպասել կարելի էր։

Իշխանը վշտաբեկ, խիստ և խորաթափանց հայացքով նայում էր Նաստասյա Ֆիլիպովնայի դեմքին, որը շարունակում էր զննել նրան։

— Ահա մե՜կն էլ ճարվեց,― ասաց նա հանկարծ, դարձյալ դիմելով Դարյա Ալեքսեևնային,— բայց ախր իսկապես էլ սրտի բարությունից, ես նրան գիտեմ։ Բարերա՜ր գտա։ Ասենք, գուցե ճիշտ են ասում նրա մասին, որ նա... էնիք է։ Բայց ինչո՞վ պիտի ապրես, եթե այդպես սիրահարված ես, որ Ռոգոժինինը առնում ես քեզ՝ իշխանիդ․․․

— Ես ձեզ՝ ազնիվ կնոջն եմ առնում, Նաստասյա Ֆիլիպովնա, և ոչ թե Ռոգոժինինը,— ասաց իշխանը։

— Այդ ե՞ս եմ ազնիվը։

— Դուք։

— Դե, դա արդեն... վեպերից է։ Դա, իշխան, աղավնյակս, հին ցնդաբանություն է, իսկ հիմա աշխարհը խելոքացել է և բոլորը դատարկ բաներ են։ Եվ քո ի՜նչ բանն է ամուսնանալը, դու ինքդ դեռ դայակի կարիք ունես։

Իշխանը վեր կացավ ու դողդոջուն, երկչոտ ձայնով, բայց միաժամանակ խորապես համոզված մարդու տեսքով ասաց․

— Ես ոչինչ չգիտեմ, Նաստասյա Ֆիլիպովնա, ես ոչինչ չեմ տեսել, դուք իրավացի եք, բայց ես... Ես կհամարեմ, որ դուք ինձ և ոչ թե ես ձեզ պատիվ կանեմ։ Ես ոչինչ եմ, իսկ դուք տառապել եք և այդպիսի դժոխքից մաքուր եք դուրս եկել, իսկ դա շատ բան է։ Ինչո՞ւ եք ամաչում և ուզում եք Ռոգոժինի հետ գնալ։ Դա տենդ է... Դուք պարոն Տոցկուն յոթանասունհինգ հազարը վերադարձրիք և ասում եք, այն ամենը, ինչ այստեղ կա, բոլորը կթողնեք, այստեղ ոչ ոք այդ բանը չի անի։ Ես ձեզ... Նաստասյա Ֆիլիպովնա... սիրում եմ։ Ես կմեռնեմ ձեզ համար, Նաստասյա Ֆիլիպովնա։ Ես ոչ ոքի թույլ չեմ տա, որ ձեր մասին մի խոսք ասի, Նաստասյա Ֆիլիպովնա... Եթե մենք աղքատ լինենք, ես կաշխատեմ, Նաստասյա Ֆիլիպովնա...

Վերջին խոսքերի վրա լսվեց, թե ինչպես քթի տակ ծիծաղեցին Ֆերդիշչենկոն, Լեբեդևը և նույնիսկ գեներալը ինքն իրեն մի տեսակ կռնչաց մեծ անախորժությամբ։ Պտիցինը և Տոցկին չէին կարող չժպտալ, բայց զսպեցին իրենց։ Մնացածները ուղղակի բերանները բացին զարմանքից։

— ...Բայց մենք գուցե աղքատ չենք լինի, այլ շատ հարուստ կլինենք, Նաստասյա Ֆիլիպովնա,— շարունակում էր իշխանը նույն երկչոտ ձայնով։— Ասենք, ես հաստատ չգիտեմ, և ափսոս, որ դեռ մինչև հիմա ոչինչ չկարողացա իմանալ ամբողջ օրը, բայց Շվեյցարիայում նամակ ստացա Մոսկվայից, Սալազկին ազգանունով մի պարոնից, և նա ինձ տեղեկացնում է, որ իբր թե ես կարող եմ շատ մեծ ժառանգություն ստանալ։ Ահա այդ նամակը...

Իշխանն իրոք գրպանից հանեց նամակը։

— Հո չի՞ զառանցում նա,— մրթմրթաց գեներալը,— իսկական խելագարանոց։

Մի վայրկյան որոշ լռություն տիրեց։

— Դուք կարծեմ ասացիք, իշխան, որ նամակն ստացել եք Սալազկինի՞ց,— հարցրեց Պտիցինը,― դա իր շրջանակում շատ հայտնի մարդ է, դա շատ հայտնի բանագնաց է, և եթե իրոք նա է ձեզ տեղեկացնում, ապա լիովին կարող եք հավատալ։ Բարեբախտաբար ես ձեռագիրը ճանաչում եմ, որովհետև նորերս գործ եմ ունեցել... Եթե տայիք ինձ աչք ածելու, թերևս, կարողանայի ձեզ որևէ բան ասել։

Իշխանը լուռ, դողդոջուն ձեռքով պարզեց նամակը։

— Ի՞նչ բան է, այդ ի՞նչ բան է,― սթափվեց գեներալը, բոլորի վրա նայելով գժի պես,— մի՞թե ժառանգություն է։

Բոլորր հայացքներն ուղղեցին Պտիցինին, որ կարդում էր նամակը։ Ընդհանուր հետաքրքրությունը նոր և արտակարգ մղում ստացավ։ Ֆերդիշչենկոն չէր կարող տեղում նստել, Ռոգոժինը նայում էր տարակուսած ու սարսափելի անհանգստությամբ հայացքը գցում էր մեկ իշխանին, մեկ Պտիցինին։ Դարյա Ալեքսեևնան սպասումից կարծես ասեղների վրա լիներ նստած։ Նույնիսկ Լեբեդևը չհամբերեց, դուրս եկավ իր անկյունից և, սաստիկ կռանալով, սկսեց նամակին նայել Պտիցինի ուսի վրայով, այնպիսի մարդու տեսքով, որ վախենում է, թե հիմա դրա համար իրեն ծեծ կտան։

XVI

— Հաստատ բան է,― վերջապես հայտարարեց Պտիցինը, նամակը ծալելով ու հանձնելով իշխանին,— առանց մի գլխացավանքի ձեր մորաքրոջ անվիճելի կտակով դուք ստանում եք չափազանց մեծ կապիտալ։

— Չի՛ կարող պատահել,— բացականչեց գեներալը, ասես կրակեց։

Բոլորը նորից բերանները բացեցին։

Պտիցինը բացատրեց, դիմելով գերազանցապես Իվան Ֆյոգորովիչին, որ հինգ ամիս առաջ մեռել է իշխանի մորաքույրը, որին իշխանն անձամբ երբեք չի ճանաչել, իշխանի մոր հարազատ և ավագ քույրը, դուստրը Մոսկվայի երրորդ գիլդիայի վաճառական Պապուշինի, որը մեռել էր աղքատության մեջ ու սնանկացած։ Բայց այդ Պապուշինի հարազատ ավագ եղբայրը, որը նույնպես մեռել է նորերս, հայտնի հարուստ վաճառական էր։ Մոտ մի տարի առաջ գրեթե նույն ամսում, մեռնում են նրա միակ երկու որդին։ Դա նրա համար այնպիսի հարված է եղել, որ շատ չանցած ծերունին ինքն էլ հիվանդանում ու մեռնում է։ Նա որբևայրի էր, բոլորովին ոչ մի ժառանգ չուներ, բացի իշխանի մորաքրոջից, Պապուշինի հարազատ եղբոր աղջկանից, որը չափազանց աղքատ կին էր և ապրում էր ուրիշի տանը։ Ժառանգությունն ստանալու ժամանակ այդ մորաքույրը արդեն համարյա մեռնում էր ջրգողությունից, բայց անմիջապես սկսել է որոնել իշխանին, այդ գործը հանձնարարելով Սալազկինին և հասցրել է կտակ գրել։ Ըստ երևույթին ոչ իշխանը, ոչ բժիշկը, որի մոտ նա ապրում էր Շվեյցարիայում, չեն ցանկացել տեղեկանքնեը պահանջել կամ սպասել պաշտոնական ծանուցումների, իսկ իշխանը Սալազկինի նամակը գրպանում, որոշել է ինքը ճամփա ընկնել...

— Միայն մի բան կարող եմ ասել ձեզ,— եզրափակեց Պտիցինը, դիմելով իշխանին,— որ այս ամենը պետք է որ լինի անվիճելի ու ճիշտ, և այն ամենը, ինչ գրում, է ձեզ Սալազկինը ձեր գործի անվիճելիության և օրինականության մասին, կարող եք ընդունել որպես զուտ դրամ ձեր գրպանում։ Շնորհավորում եմ ձեզ, իշխան։ Գուցե նույնպես մոտ միլիոն ու կես կստանաք, գուցե և ավելի։ Պապուշինը շատ հարուստ վաճառական էր։

— Այ քեզ ցեղի վերջին շառավիղ իշխան Մի՜շկին,— գոչեց Ֆերդիշչենկոն։

— Ուռա՜,— հարբած ձայնով խռխռացրեց Լեբեդևը։

— Իսկ ես այն ժամանակ քսանհինգ ռուբլի պարտք տվի, խղճուկին, հա՜֊հա՜-հա՜, անհեթեթություն և ուրիշ ոչինչ,— զարմանքից համարյա շշկլված, ասաց գեներալը,— դե՛, շնորհավորում եմ, շնորհավորում եմ,— և, տեղից վեր կենալով, մոտեցավ իշխանին գրկելու։ Նրա հետևից վեր կացան նաև մյուսները և նույնպես շարժվեցին դեպի իշխանը։ Նույնիսկ վարագույրի հետև նահանջածներն սկսեցին հայտնվել հյուրասենյակում։ Սկսվեց անորոշ խոսակցություն, բացականչություններ, նույնիսկ հնչեցին շամպայն պահանջող ձայներ, ամեն ինչ խառնվեց, իրար անցավ։ Մի վայրկյան գրեթե մոռացան Նաստասյա Ֆիլիպովնային և այն, որ, այնուամենայնիվ, սա իր երեկույթի տիրուհին է։ Բայց կամաց-կամաց բոլորը համարյա միաժամանակ պատկերացրին այն միտքը, որ իշխանը հենց նոր նրան առաջարկություն արավ։ Նշանակում է, գործը ներկայանում էր եռակի առավել ցնորամիտ ու անսովոր, քան առաջ։ Խորապես զարմացած՝ Տոցկին ուսերն էր թոթվում։ Համարյա հենց միայն նա էր նստած, մնացած ողջ ամբոխը անկանոն խռնվել էր սեղանի շուրջը։ Բոլորը հետո պնդում էին, որ Նաստասյա Ֆիլիպովնան խելագարվեց հենց այդ ակնթարթից։ Նա շարունակում էր նստած մնալ և որոշ ժամանակ դիտում էր բոլորին մի տեսակ տարօրինակ, զարմացած հայացքով, կարծես բան չհասկանալով և ճգնելով ըմբռնել։ Հետո նա հանկարծ դարձավ իշխանին և, սպառնագին խոժոռելով հոնքերը, ուշադիր դիտում էր նրան, բայց դա մի վայրկյան էր, գուցե նրան հանկարծ թվաց, որ այդ բոլորը կատակ է, ծաղր, բայց իշխանի տեսքը միանգամից փոխեց նրա կարծիքը։ Նա մտասուզվեց, հետո կրկին ժպտաց, կարծես պարզ չգիտակցելով, թե ինչու...

— Նշանակում է, իսկապես իշխանուհի եմ,— ինքն իրեն շշնջաց նա կարծես ծաղրաբար և, պաաահմամբ նայելով Դարյա Ալեքսեևնային, ծիծաղեց։— Անսպասելի լուծում... Ես... այսպես չէի սպասում... Դե, ի՞նչ եք կանգնել, պարոնայք, շնորհ արեք, նստեցեք, շնորհավորեցեք ինձ իշխանի համար։ Ինչ֊որ մեկը, կարծեմ, շամպայն էր խնդրում․ Ֆերգիշչենկո, գնացեք, հրամայեցեք։ Կատյա, Պաշա,— հանկարծ դռան մեջ տեսավ նա իր սպասուհիներին,— եկեք այստեղ, ես ամուսնանում եմ, լսեցի՞ք։ Իշխանի հետ, նա մեկ ու կես միլիոն ունի, նա իշխան Միշկինն է և ինձ առնում է։

— Եվ աստծով, սիրելիս, ժամանակն է։ Կարիք չկա բաց թողնելու,— բղավեց Դարյա Ալեքսեևնան, տեղի ունեցածից խորապես ցնցված։

― Դե եկ կողքս նստիր, իշխան,― շարունակեց Նաստասյա Ֆիլիպովնան,― ահա այսպես, ահա և գինի են բերում, դե, շնորհավորեցեք, պարոնայք։

— Ուռա՜,— Բղավեցին բազմաթիվ ձայներ։ Շատերը խռնվեցին գինու շուրջը, նույն թվում էին գրեթե բոլոր ռոգոժինականները։ Ու թեև նրանք բղավում էին ու պատրաստ էին բղավել, բայց և այնպես, չնայած հանգամանքների և իրադրության ամբողջ տարօրինակությանը, նրանցից շատերն զգացին, որ դեկորացիան փոխվում է։ Մյուսները շփոթված էին և սպասում էին թերահավատությամբ։ Իսկ շատերն էլ իրար ականջի շշնջում էին, որ ախր սա ամենասովորական բան է, որ ո՞ւմ հետ ասես չեն ամուսնանում իշխանները, նույնիսկ գնչուհիների են առնում թափառախմբերից։ Ռոգոժինն ինքը կանգնել ու նայում էր դեմքը ծամածռած, անշարժ, տարակուսած ժպիտով։

— Իշխան, աղավնյակս, ուշքի՜ եկ,— սարսափած շշնջաց գեներալը՝ կողքից մոտենալով ու ձիգ տալով նրա թևքը։

Նաստասյա Ֆիլիպովնան նկատեց ու քրքջաց։

— Չէ, գեներալ, հիմա ես ինքս էլ իշխանուհի եմ, լսեցի՞ք, իշխանը թույլ չի տա, որ ինձ վիրավորեն։ Աֆանասի Իվանովիչ, դո՛ւք շնորհավորեցեք ինձ. հիմա ամեն տեղ ես ձեր կնոջ կողքին կնստեմ. ի՞նչ եք կարծում, ձեռնտո՞ւ է այսպիսի ամուսին ունենալը։ Մեկ ու կես միլիոն, դրան ավելացրած և այն, որ իշխան է, և այն, որ ասում են, հետն էլ ապուշ է, դրանից լավ ի՞նչ կարող է լինել։ Հենց հիմա կսկսվի իսկական կյանքը։ Ուշացա՜ր, Ռոգոժին։ Կորցրո՛ւ քո փաթեթը, ես իշխանին եմ մարդու գնում և ինքս քեզնից հարուստ եմ։

Բայց Ռոգոժինը հասկացավ, թե բանն ինչ է։ Անասելի տառապանք դրոշմվեց նրա դեմքին։ Նա ձեռներն իրար խփեց ու մի հառաչ դուրս թռավ նրա կրծքից։

— Ե՛տ կանգնիր,— բղավեց նա իշխանին։

Չորս կողմը ծիծաղեցին։

— Այդ քե՞զ համար ետ կանգնի,— հաղթականորեն վրա բերեց Դարյա Ալեքսեևնան,― մի տեսե՜ք, փողը թափել է սեղանին, գռեհի՜կ։ Իշխանը նրան կնության է առնում, իսկ դու եկել ես ստահակություն անելու։

— Ես էլ եմ առնո՜ւմ։ Հիմա եմ առնում, այս րոպեի՜ս։ Ամեն ինչ կտամ...

— Մի տեսե՜ք, գինետան հարբած, քեզ վռնդել է պետք,― զայրացած կրկնեց Դարյա Ալեքսեևնան։

Ծիծաղն ավելի սաստկացավ։

— Լսո՞ւմ ես, իշխան,― դիմեց նրան Նաստասյա Ֆիլիպովնան,— ահա թե ինչպես է այդ մուժիկը քո հարսնացուին սակարկում։

— Նա հարբած է,— ասաց իշխանը։— Նա ձեզ շատ է սիրում։

— Իսկ հետո չե՞ս ամաչի, որ քո հարսնացուն քիչ մնաց Ռոգոժինի հետ գնար։

— Այդ նրանից է, որ դուք տենդի մեջ էիք, դուք հիմա էլ եք տենդի մեջ, կարծես զառանցելիս լինեք։

— Եվ չե՞ս ամաչի, երբ հետո քեզ ասեն, որ քո կինը Տոցկու սիրուհին է եղել։

— Ոչ, չեմ ամաչի... Դուք ձեր կամքով չեք եղել Տոցկու մոտ։

— Եվ երբե՞ք չես կշտամբի։

— Չեմ կշտամբի։

— Է՜, տես, ամբողջ կյանքի համար մի երաշխավորի։

— Նաստասյա Ֆիլիպովնա,— ասաց իշխանը կամացուկ և կարծես կարեկցաբար,— ես քիչ առաջ ձեզ ասացի, որ իբրև պատիվ կընդունեմ ձեր համաձայնությունը և որ դուք եք ինձ պատիվ անում, ոչ թե ես ձեզ։ Դուք այդ բառերի վրա քմծիծաղ տվիք, և շուրջը, ես լսեցի, նույնպես ծիծաղեցին։ Կարող է պատահել ես շատ ծիծաղելի արտահայտվեցի և ինքս էլ ծիծաղելի էի, բայց շարունակ ինձ թվում էր, որ ես... հասկանում եմ, թե ինչումն է պատիվը և համոզված եմ, որ ճշմարտությունն ասացի։ Դուք հիմա ուզում էիք անդառնալիորեն կործանել ձեզ, որովհետև երբեք հետո ձեզ չէիք ների դրա համար. իսկ դուք ոչ մի բանում մեղավոր չեք։ Չի կարող պատահել, որ ձեր կյանքն արդեն ամբողջովին կործանված է։ Ի՞նչ անենք, որ ձեզ մոտ է եկել Ռոգոժինը, իսկ Գավրիլա Արդալիոնովիչն ուզում էր ձեզ խաբել։ Ինչո՞ւ եք անընդհատ հիշատակում դա։ Այն, ինչ արեցիք դուք, դրան քչերն են ընդունակ, այդ կրկնում եմ ձեզ, իսկ որ ուզում էիք Ռոգոժինի հետ գնալ, ապա դա հիվանդագին նոպայի վիճակում որոշեցիք։ Դուք հիմա էլ նոպայի մեջ եք, և ավելի լավ է՝ անկողին մտնեք։ Դուք վաղն իսկ լվացարարուհի կդառնայիք, բայց չէիք մնա Ռոգոժինի հետ։ Դուք հպարտ եք, Նաստասյա Ֆիլիպովնա, բայց թերևս արդեն այնքան դժբախտ եք, որ իրոք ձեզ մեղավոր եք համարում։ Ձեզ շատ խնամք է հարկավոր, Նաստասյա Ֆիլիպովնա։ Ես կխնամեմ ձեզ։ Երբ այն ժամանակ ձեր պատկերը տեսա, կարծես մի ծանոթ դեմք ճանաչեցի։ Ինձ անմիջապես թվաց, թե կարծես դուք արդեն կանչում էիք ինձ... Ես... ես ամբողջ կյանքումս կհարգեմ ձեզ, Նաստասյա Ֆիլիպովնա,― եզրափակեց հանկարծ իշխանը, կարծես հանկարծ ուշքի գալով, շիկնելով ու գլխի ընկնելով, թե ինչ մարդկանց առաջ է ասում դա։

Պտիցինը ողջախոհությունից նույնիսկ գլուխը կախել էր և գետնին էր նայում։ Տոցկին ինքն իր մեջ մտածեց. «Ապուշ է, բայց գիտե, որ շողոքորթությամբ ամենից լավ կնվաճի, նատո՜ւրա է»։ Իշխանը նկատեց նաև Գանյայի՝ անկյունից շողացող հայացքը, որով նա կարծես ուզում էր մոխրացնել իշխանին։

— Ա՜յ թե բարի մարդ է,— բացականչեց Դարյա Ալեքսեևնան խանդաղատված։

— Կրթված մարդ է, բայց կորած է,― կիսաձայն շշնջաց գեներալը։

Տոցկին գլխարկը վերցրեց ու պատրաստվեց վեր կենալ, որպեսզի կամացուկ ծլկի։ Նա և գեներալը իրար երես նայեցին, որպեսզի միասին դուրս գան։

— Շնորհակալություն, իշխան, մինչև հիմա ոչ ոք ինձ հետ այդպես չէր խոսել,— ասաց Նաստասյա Ֆիլիպովնան,— ինձ բոլորը սակարկում էին, բայց օրինավոր մարդկանցից ոչ մեկը դեռ չէր խնամախոսել։ Լսեցի՞ք, Աֆանասի Իվանովիչ։ Ձեզ ինչպե՞ս կթվա այն ամենը, ինչ ասում էր իշխանը։ Չէ՞ որ գրեթե անվայելուչ է... Ռոգոժին։ Դու դեռ մի գնա։ Ասենք, դու չես էլ գնա, տեսնում եմ։ Գուցե դեռ կգամ քեզ հետ։ Դու ո՞ւր էիր ուզում տանել։

— Եկատերինհոֆ,— զեկուցեց անկյունից Լեբեդևը, իսկ Ռոգոժինը միայն ցնցվեց և աչքերը լայն բացած նայում էր, կարծես ինքն իրեն չհավատալով։ Նա բոլորովին բթացել էր, կարծես գլխին սարսափելի հարված էին իջեցրել։

― Ի՜նչ ես ասում, ի՜նչ ես ասում, սիրելիս։ Ճիշտ որ նոպաներ են գալիս վրադ. խելագարվե՞լ ես, ինչ է,— հարձակվեց վախեցած Դարյա Ալեքսեևնան։

— Իսկ դու կարծում էիր ճի՞շտ եմ ասում,— հռհռալով բազմոցից վեր թռավ Նաստասյա Ֆիլիպովնան,— այսպիսի մանկանը կործանե՞մ։ Ախր դա Աֆանասի Իվանովիչին է սազական, այդ նա է սիրում մանուկներին։ Գնա՛նք, Ռոգոժին։ Պատրաստիր կապոցդ։ Ոչինչ, որ ամուսնանալ ես ուզում, բայց փողերը, համենայն դեպս, տուր։ Դեռ կարոդ է պատահել, որ մարդու չեմ գնա քեզ։ Կարծում ես, որ եթե ուզում էիր ամուսնանալ, կապոցդ քե՞զ կմնա։ Սխալվո՜ւմ ես։ Ես ինքս եմ անամո՜թ։ Ես Տոցկու հարճն եմ եղել... Իշխան, հիմա քեզ հարկավոր է Ագլայա Եպանչինան, և ոչ թե Նաստասյա Ֆիլիպովնան, թե չէ՝ ինչ, Ֆերդիշչենկոն մատով ցույց կտա։ Դու չես վախենում, բայց ես կվախենամ, որ քեզ կործանեցի և որ հետո կկշտամբես։ Իսկ որ հայտարարում ես, թե քեզ պատիվ կանեմ, ապա դրա մասին Տոցկին լավ գիտի։ Իսկ Ագլայա Եպանչինային դու, Գանեչկա, ձեռքից փախցրիր. այդ գիտեի՞ր։ Եթե նրա հետ չսակարկեիր, նա անպայման կամուսնանար քեզ հետ։ Ահա այդպես եք բոլորդ. մեկ է՝ պատվազուրկ թե պատվավոր կանանց հետ հարաբերություն պահպանեք։ Թե չէ անպայման կխճճվես․․․ Մի տես, գեներալն ինչպես է նայում, բերանը բացել է...

— Սա Սոգո՜մ է, Սոդո՜մ,— կրկնում էր գեներալը, ուսերը վեր քաշելով։ Նա էլ վեր կացավ բազմոցից, նորից բոլորը ոտքի վրա էին։ Նաստասյա Ֆիլիսյովնան կարծես մոլուցքի մեջ էր։

— Մի՞թե,— հառաչեց իշխանը, ձեռները կոտրատելով։

— Իսկ դու կարծում էիր՝ ո՞չ։ Ես, կարող է պատահել, ինքս էլ հպարտ եմ, փույթ չէ, որ անամոթ եմ։ Քիչ առաջ դու ինձ կատարելություն անվանեցիր։ Լա՜վ կատարելություն է, որ լոկ պարծենկոտությունից, թե միլիոնը և իշխանությունը ոտնակոխ արավ, հետնախորշերն է գնում։ Դե, դրանից հետո ես քեզ ի՞նչ կին։ Աֆանասի Իվանովիչ, բայց չէ՞ որ իսկապես միլիոնը պատուհանից դուրս շպրտեցի։ Էլ ինչպե՞ս էիք կարծում, թե ես երջանկություն կհամարեմ Գանեչկային մարդու գնալ, այն էլ ձեր յոթանասունհինգ հազարով։ Յոթանասունհինգ հազարը քե՛զ վերցրու, Աֆանասի Իվանովիչ (հարյուր հազարի՜ էլ չհասար, Ռոգոժինը քեզ գերազանցեց), իսկ Գանեչկային ես ինքս կմխիթարեմ, գլխովս մի միտք անցավ։ Իսկ հիմա ուզում եմ քեֆ անել, չէ՞ որ ես փողոցային եմ։ Տասը տարի բանտում եմ նստել, հիմա իմ երջանկության օրն է։ Ի՛նչ ես կանգնել, Ռոդոժին։ Պատրաստվիր, գնում ենք։

— Գնո՜ւմ ենք,— որոտաց Ռոգոժինը, ուրախությունից գրեթե խենթացած,— էյ դուք... բոլորդ... գինի՜։ Ո՜ւխ...

— Գինու պաշար տես, ես խմելու եմ։ Իսկ երաժշտություն կլինի՞։

— Կլինի, կլինի՜։ Չմոտենա՜ս,— դոչեց Ռոգոժինը մոլեգնած, տեսնելով, որ Դարյա Ալեքսեևնան մոտենում է Նաստասյա Ֆիլիպովնային։— Ի՜մն է։ Ամե՛ն ինչ իմն է։ Թագուհի՜։ Վե՜րջ։

Նա ուրախությունից շնչահեղձ էր լինում, նա պտտվում էր Նաստասյա Ֆիլիպովնայի շուրջը և բոլորի վրա բղավում. «Չմոտենա՜ս»։ Ամբողջ խումբը արդեն խցկվել էր հյուրասենյակ։ Ոմանք խմում էին, մյուսները բղավում ու հռհոում, բոլորը ամենահուզված և ամենաանսանձ տրամադրության մեջ էին։ Ֆերդիշչենկոն սկսել էր փորձել ընկերանալ նրանց։ Գեներալը և Տոցկին դարձյալ շարժում արին որքան կարելի է շուտ չքվելու։ Գանյան էլ գլխարկը ձեռքին էր, բայց նա կանգնած էր լուռ և դեռ չէր կարող կտրվել իր առաջ զարգացող պատկերից։

— Չմոտենա՜ս,— բղավում էր Ռոգոժինը։

— Ի՞նչ ես գոռում,— նրա վրա քրքջում էր Նաստասյա Ֆիլիպովնան,— ես իմ տանը դեռ տիրուհի եմ. ուզենամ, դեռ վզակոթիդ տալով դուրս կանեմ։ Ես դեռ քեզնից փողերդ չեմ վերցրել, ահա տեղում են. տուր այստեղ, ամբողջ փաթեթը։ Այս փաթեթի՞ մեջ է հարյուր հազարը։ Թո՛ւ, ի՜նչ նողկալի բան։ Ի՜նչ ես ասում, Դարյա Ալեքսեևնա։ Մի՞թե պիտի կործանեի նրան։ (Նա ցույց տվեց իշխանին)։ Ամուսնությունը ի՞նչ նրա բանն է. հենց իրեն դեռ դայակ է հարկավոր. ահա գեներալը նրան դայակություն կանի, չե՞ս տեսնում պտույտ֊պտույտ է անում շուրջը։ Տես, իշխան, քո հարսնացուն փողերը վերցրեց, որովհետև նա անառակ է, իսկ դու ուզում էիր նրան առնել։ Դե ի՞նչ ես լաց լինում։ Դա՞ռն է, ինչ է։ Իսկ իմ կարծիքով՝ ծիծաղիր,— շարունակում էր Նաստասյա Ֆիլիպովնան, որի հենց իր այտերի վրա շողացին արցունքի երկու խոշոր կաթիլ։— Ժամանակին հավատա, ամեն ինչ կանցնի։ Լավ է հիմա խելքի գալ, քան հետո... Դե ի՞նչ եք բոլորդ լալիս. ահա Կատյան էլ է լալիս։ Ինչ ես անում, Կատյա, սիրելիս։ Ես քեզ ու Պաշային շատ բան եմ թողնում, արդեն կարգադրել եմ, իսկ հիմա մնաք բարով։ Ես քեզ՝ ազնիվ աղջկանդ, հարկադրում էի ինձ՝ անառակիս, հոգ տանել... Այսպես ավելի լավ է, իշխան, ճշմարիտ, ավելի լավ է, հետո կսկսեիր ինձ արհամարհել, և երջանկություն չէինք ունենա։ Մի երդվիր, չեմ հավատում։ Եվ ինչ հիմար բան կլիներ... Ոչ, ավելի լավ է իրար հրաժեշտ տանք բարեկամաբար, թե չէ ախր ես ինքս էլ երազող եմ, օգուտ չէր լինի։ Մի՞թե ես ինքս քո մասին չէի երազում։ Այդ դու իրավացի ես, վաղուց էի երազում, դեռ նրա գյուղում, հինգ տարի մեն֊մենակ ապրեցի. մտածում-մտածում ես, երբեմն երազում֊երազում, և ահա շարունակ պատկերացնում էի քեզ նմանին, բարի, ազնիվ, լավ և նույնպիսի հիմարիկ, որ հանկարծ կգա ու կասի. «Դուք մեղավոր չեք, Նաստասյա Ֆիլիպովնա, իսկ ես ձեզ պաշտում եմ»։ Եվ երբեմն այնպես ես տարվում ցնորքներով, որ խելագարվում ես․․․ Մեկ էլ գալիս էր ահա սա, տարեկան մի երկու ամիս հյուր էր լինում, խայտառակում էր, խոցում, բորբոքում, անառակացնում ու մեկնում, այնպես որ հազար անգամ ուզեցել եմ լիճը նետվել, բայց ստոր եմ եղել, սիրտ չեմ արել, դե, իսկ հիմա... Ռոգոժին, պատրա՞ստ ես։

— Պատրա՜ստ է։ Չմոտենա՜ք։

— Պատրա՜ստ է,— հնչեց մի քանի ձայն։

— Տրոյկաներն սպասում են, բոժոժներո՜վ։

Նաստասյա Ֆիլիպովնան ձեռքն առավ փաթեթը։

— Գանկա, գլուխս մի միտք եկավ, ուզում եմ քեզ վարձատրել, որովհետև հանուն ինչի՞ ամեն ինչ կորցնես։ Ռոգոժին, սողեսող կգնա՞ մինչև Վասիլևսկի երեք ռուբլու համար։

— Կգնա՜։

— Դե, ուրեմն լսիր, Գանյա, ես վերջին անգամ ուզում եմ հոգիդ տեսնել, դու ինքդ ամբողջ երեք ամիս տանջում էիր ինձ. հիմա իմ հերթն է։ Տեսնո՞ւմ ես այս փաթեթը, սրա մեջ հարյուր հազար կա։ Ահա հիմա կնետեմ բուխարիկը, կրակի մեջ, ահա բոլորի ներկայությամբ, բոլորը վկա են. հենց որ կրակը ամբողջովին պատի, բուխարիկից հանիր, միայն թե առանց ձեռնոցների, մերկ ձեռներով և թևքերդ վեր քշտիր ու փաթեթը պուրս կորզիր կրակից։ Դուրս քաշեցիր՝ քոնն է, ամբողջ հարյուր հազարը քոնն է։ Մի քիչ միայն մատիկներդ կայրես, բայց ախր հարյո՜ւր հազար է, մտածի՜ր։ Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ կրակից կորզես։ Իսկ ես մի քիչ կզմայլվեմ հոգուդ նայելով, թե ինչպես իմ փողերին տիրանալու համար կրակն ես նետվում։ Բոլորը վկա են, որ փաթեթը քոնը կլինի։ Իսկ եթե չնետվես, ուրեմն կվառվի, ոչ ոքի չեմ թողնի։ Հեռացեք։ Բոլորդ հեռացեք։ Ի՜մ փողն է։ Ես դրանք Ռոգոժինից առա մի գիշերվա համար։ Ի՞մն են փողերը, Ռոգոժին։

— Քոնն են, իմ ուրախություն։ Քոնն են, թագուհի՜։

— Դե, հիմա բոլորդ հեռու քաշվեցեք, ինչ ուզենամ, այն էլ կանեմ։ Չխանգարե՛լ։ Ֆերդիշչենկո, կրակը չաղացրեք։

— Նաստասյա Ֆիլիպովնա, ձեռներս չեն բարձրանում,― պատասխանեց շշկլված Ֆերդիշչենկոն։

— Է֊է՜խ,— բղավեց Նաստասյա Ֆիլիպովնան, վերցրեց ունելին, դեսդեն ցրեց երկու մլմլացող փայտ և, հենց որ կրակը բռնկվեց, դրա մեջ նետեց փաթեթը։

Ճիչ բարձրացավ շուրջը. շատերը նույնիսկ երեսները խաչ հանեցին։

— Խելագարվե՜լ է, խելագարվե՜լ է,— բղավում էին չորս կողմը։

— Չը․․․ չը․․․ չկապե՞նք նրան,— շշնջաց գեներալը Պտիցինին,— կամ չուղարկե՞նք։ Ախր խելքը թռցրել է, թռցրել է, չէ՞։ Թռցրե՞լ է։

— Ո֊ոչ, սա կարող է պատահել, այնքան էլ խելագարություն չէ,— շշնջաց թաշկինակի պես գունատ և դողացող Պտիցինը, աչքերը մլմլացող փաթեթից կտրելու անկարող։

— Խելագա՞ր է։ Ախր խելագա՞ր է,— պոկ չէր գալիս գեներալը Տոցկուց։

— Ես ձեզ ասում էի, որ կոլորիտային կին է,— մրթմրթաց նույնպես մասամբ գունատված Աֆանասի Իվանովիչը։

— Բայց չէ՞ որ ախր հարյուր հազա՜ր...

— Տե՜ր աստված, տե՜ր աստված,— լսվում էր ամեն կողմից։ Բոլորը խռնվեցի ն բուխարիկի հուրշը, բոլորը խցկվում էին, որ տեսնեն, բոլորը բացականչում էին․․․ Ոմանք նույնիսկ թռան աթոռների վրա, որպեսզի նայեն գլուխների վրայից։ Դարյա Ալեքսեևնան դուրս թռավ մյուս սենյակը և վախեցած ինչ֊որ բան էր շշնջում Կատյայի ու Պաշայի հետ։ Գեղեցկուհի գերմանուհին փախավ։

— Աղավնյա՜կս։ Արքայադո՜ւստր։ Ամենազո՜ր,― վայնասուն էր բարձրացրել Լեբեդևը, ծնկաչոք սողալով Նաստասյա Ֆիլիպովնայի առաջ և ձեռները պարզելով դեպի բուխարիկը,— հարյուր հազա՜ր է։ Հարյո՜ւր հազար։ Ինքս եմ տեսել, իմ ներկայությամբ են փաթաթել։ Աղավնյակս։ Բարեգո՜ւթ։ Հրամայիր ինձ բուխարիկը նետվել, ամբողջովին կմտնեմ, ամբողջ ալեհեր գլուխս կրակի բերան կտամ․․․ Կինը հիվանդ, ոտքից զուրկ, տասներեք շունչ երեխա՝ բոլորը որբ, անցյալ շաբաթ հորը թաղեց, սոված նստել է, Նաստասյա Ֆիլիպովնա,— և կոծելով նա սողաց դեպի բուխարիկը։

— Հեռո՜ւ,— բղավեց Նաստասյա Ֆիլիպովնան, ետ հրելով նրան,― բոլորդ ետ քաշվեցեք։ Գանյա, ի՞նչ ես կանգնել։ Մի՛ ամաչիր։ Մտի՛ր։ Քո բա՜խտն է։

Բայց Գանյան արդեն չափազանց շատ բան էր տարել այդ օրը և այդ երեկո և այդ վերջին անսպասելի փորձությանը նախապատրաստված չէր։ Ամբոխը ճանապարհ բացեց նրանց առաջ, երկու կես լինելով, և Գանյան մնաց երես առ երես Նաստասյա Ֆիլիպովնայի հետ, նրանից երեք քայլ հեռավորության վրա։ Նաստասյա Ֆիլիպովնան կանգնել էր հենց բուխարիկի մոտ և սպասում էր, Գանյայից չհեռացնելով հրացայտ, սևեռուն հայացքը։ Գանյան, ֆրակով, գլխարկն ու, ձեռնոցները ձեռքին, նրա առաջ կանգնել էր լուռ ու անպատասխան, ձեռները խաչած ու կրակին նայելով։ Խելագար ժպիտը թափառում էր թաշկինակի պես գունատ նրա դեմքին։ Ճիշտ է, նա չէր կարող աչքերը կտրել նրանից՝ մխալ սկսող փաթեթից. բայց, թվում է, ինչ-որ նոր բան էր մտել նրա հոգու մեջ. կարծես նա երդվել էր դիմանալ կտտանքին, նա տեղից չէր շարժվում. մի քանի վայրկյան անց բոլորի համար պարզ դարձավ, որ նա չի գնա փաթեթը հանելու, չի ուզում զնալ։

— Էյ, կավառվի, հետո քեզ ամոթանք կտան,— բղավում էր նրան Նաստասյա Ֆիլիպովնան,— ախր հետո կկախվես, ես կատակ չեմ անում։

Կրակը, որ սկզբում բռնկվեց երկու մարմրող խանձողների միջև, սկզբում մարեց, երբ նրա վրա ընկավ ու ճնշեց փաթեթը։ Բայց մի փոքրիկ կապույտ բոց ցածից կառչում էր ներքևի խանձողի մի անկյանը։ Վերջապես կրակի մի բարակ երկար լեզվակ լիզեց նաև փաթեթը, կրակը կորավ և փաթեթի անկյուններից վազեց թղթի վրայով, ու հանկարծ բուխարիկում բռնկվեց ամբողջ փաթեթը, և պայծառ բոցը պոռթկաց դեպի վեր։ Բոլորը ախ քաշեցին։

— Աղավնյա՜կս,— դեռ շարունակում էր կոծել Լեբեդևը, նորից առաջ ձգտելով, բայց Ռոգոժինը նորից ետ քաշեց նրան ու ետ հրեց։

Ռոգոժինն ինքը ամբողջովին դարձել էր մի անշարժ հայացք։ Նա չէր կարող աչքը կտրել Նաստասյա Ֆիլիպովնայից, նա արբեցած էր, նա յոթերորդ երկնքումն էր։

— Այ սա թագուհի՜ է,— կրկնում էր նա րոպեն մեկ, դիմելով շուրջը ում պատահեր,— այ սա մեր հանգի է,— բացականչում էր նա ինքն իրեն կորցրած։— Ձեզնից ո՞ր մեկը այսպիսի բան կանի, հը՞, սրիկաներ։

Իշխանը հետևում էր տխուր ու լուռ։

— Ես ատամներով դուրս կկորզեմ միայն մի հազարի դիմաց,— առաջարկեց Ֆերդիշչենկոն։

— Ատամներով ես էլ կկարողանայի,— կրճտացրեց ամենահետևում կանգնած բռունցքավոր պարոնը, կատարյալ հուսահատության նոպայի մեջ։— Գ-գրո՜ղը տանի։ Վառվո՜ւմ է, ամբողջը կվառվի՜,— բղավեց նա՝ տեսնելով բոցը։

— Վառվո՜ւմ է, վառվո՜ւմ է,— բղավում էին բոլորը միաձայն, գրեթե բոլորը նույնպես ձգտելով դեպի բուխարիկը։

— Գանյա, մի կոտրատվի, վերջին անգամ եմ ասում։

— Խցկվի՜ր,― դոռաց Ֆերդիշչենկոն, իսկական կատաղությամբ նետվելով դեպի Գանյան և ձիգ տալով նրա թևքից,― խցկվի՛ր, ֆանֆարոնի մե՜կը։ Կվառվի՜։ Օ, անիծվ֊վա՜ծ։

Գանյան ուժով ետ հրեց Ֆերդիշչենկոյին, շուռ եկավ ու կնաց դեպի դուռը, բայց երկու քայլ չարած՝ երերաց ու շրմփաց հատակին։

— Ուշաթափությո՜ւն,— բղավեցին չորս բոլորը։

— Աղավնյա՜կս, կվառվեն,— շիվան էր անում Լեբեդևը։

— Զուր տեղը կվառվեն,― գոչում էին ամեն կողմից։

— Կատյա, Պաշա, ջուր բերեք սրան, սպի՛րտ,— բղավեց Նաստասյա Ֆիլիպովնան, վերցրեց ունելին ու փաթեթը դուրս քաշեց։

Գրեթե ամբողջ արտաքին թուղթը վառվել ու մլմլում էր, բայց իսկույն նկատելի էր, որ մեջը անվնաս էր մնացել։ Փաթեթը փաթաթված էր եռատակ լրագրաթղթով և փողերը չէին վնասվել։ Բոլորը ազատ շունչ քաշեցին։

— Միայն մի հազարի չափ է մի քիչ փչացել, իսկ ամբողջ մնացածը տեղն է,— խանդաղատանքով ասաց Լեբեդևը։

— Բոլորը նրա՛նն է։ Ամբողջ կապոցը նրանն է։ Լսո՞ւմ եք, պարոնայք,― ազդարարեց Նաստասյա Ֆիլիպովնան, փաթեթը դնելով Գանյայի մոտ,— բայց, համենայն դեպս, չգնաց, դիմացավ։ Ուրեմն ինքնասիրությունն ավելի է, քան փողի տենչը։ Ոչինչ, ուշքի կգա։ Թե չէ կմորթեր, ով գիտի․․․ ահա արդեն ուշքի է գալիս։ Գեներալ, Իվան Պետրովիչ, Դարյա Ալեքսեևնա, Կատյա, Պաշա, Ռոգոժին, լսեցի՞ք։ Փաթեթը նրանն է, Գանյայինը։ Ես տալիս եմ նրան ի լիակատար սեփականություն, որպես հատուցում․․․ ինչի ուզում է լինի։ Ասացեք նրան։ Թող հենց այստեղ նրա կողքին էլ մնա․․․ Ռոգոժին, մա՛րշ։ Մնաս բարո՛վ, իշխան, առաջին անգամ մարդ տեսա։ Մնաք բարով, Աֆանասի Իվանովիչ, merci!

Ռոգոժինի ամբողջ խումբը աղմուկ֊աղաղակով, գոռում֊գոչյունով սենյակներով սլացավ դեպի ելքը՝ Ռոգոժինի և Նաստասյա Ֆիլիպովնայի հետևից։ Դահլիճում աղջիկները նրան մատուցեցին մուշտակը, խոհարարուհի Մարֆան վազեց եկավ խոհանոցից։ Նաստասյա Ֆիլիպովնան հերթով համբուրեց նրանց բոլորին։

— Մի՞թե մեզ բոլորովին լքում եք, աղավնյակս։ Ախր ո՞ւր պիտի գնաք։ Եվ այն էլ ծննդյան օրը. մի այսպիսի օր,— լալագին հարցնում էին աղջիկները նրա ձեռները համբուրելով։

— Փողոց կերթամ, Կատյա, դու լսեցիր, իմ տեղն այնտեղ է, կամ թե չէ՝ լվացարարուհի կդառնամ։ Հերիք է Աֆանասի Իվանովիչի հետ։ Իմ կողմից նրան բարև արեք, իսկ ինձ բարի հիշեք․․․

Իշխանը սրընթաց նետվեց դեպի շքամուտքը, որտեղ բոլորը տեղավորվում էին չորս բոժոժավոր տրոյկաների մեջ։ Գեներալը կարողացավ նրա հետևից հասնել դեռ սանդուղքի վրա։

— Ողորմա՛, իշխան, ուշքի եկ,—— ասում էր նա, բռնելով իշխանի ձեռքը,— վերջ տուր։ Տեսնում ես, ինչպիսի՜ն է նա։ Որպես հայր եմ ասում։

Իշխանը նայեց նրան, բայց, առանց մի բառ ասելու, դուրս պրծավ ու ցած վազեց։

Շքամուտքի մոտ, որից հենց նոր էին հեռացել տրոյկաները, գեներալը տեսավ, որ իշխանը կանգնեցրեց առաջին հանդիպած կառապանին և բղավեց, որ քշի Եկատերինհոֆ, տրոյկաների հետևից։ Ապա սրընթաց մոտեցավ գեներալի գորշուկ վարգաձին լծած կառքը և գեներալին տուն տարավ, նոր հույսերով ու հաշիվներով և քիչ առաջվա՝ մարգարիտով, որը գեներալը, համենայն դեպս, չմոռացավ իր հետ վերցընել։ Հաշիվների միջև մի երկու անգամ էլ առկայծեց Նաստասյա Ֆիլիպովնայի գայթակղեցուցիչ պատկերը. գեներալը հոգոց հանեց.

— Ափսո՜ս։ Անկեղծորեն ափսոս է։ Կորա՜ծ կին։ Խելագա՜ր կին... Դե, իշխանին հիմա Նաստասյա Ֆիլիպովնան չի հարկավոր...

Այդ կարգի մի քանի բարոյախոսական ու բարի երթի խոսքեր փոխանակվեցին նաև Նաստասյա Ֆիլիպովնայի հյուրերից երկու զրուցակիցների միջև, որոնք որոշեցին մի քիչ ոտքով գնալ։

— Գիտե՞ք, Աֆանասի Իվանովիչ, դա, ինչպես ասում են, ճապոնացիների մոտ է այդ տեսակ լինում,— ասում էր Իվան Պետրովիչ Պտիցինը։— Վիրավորվածը այնտեղ իբրև թե գնում է վիրավորողի մոտ և նրան ասում է․ «Դու ինձ վիրավորել ես, դրա համար ես եկել եմ քո աչքի առաջ փորս թափելուս, և այդ խոսքերով իսկապես վիրավորողի աչքի առաջ իր փորը թափում է և, ըստ երևույթին, զգում է արտակարգ բավարարվածության, կարծես իրոք որ վրեժ է լուծել։ Տարօրինակ բնավորություններ են լինում աշխարհի երեսին, Աֆանասի Իվանովիչ։

— Իսկ դուք կարծում եք, որ այստեղ է՞լ այդ տեսակ էր ժպտալով պատասխանեց Աֆանասի Իվանովիչյը,— հըմ։ Դուք, սակայն, սրամիտ... և հիանալի համեմատություն արիք։ Սակայն դուք տեսաք ինքներդ, ամենասիրելի Իվան Պետրովիչ, որ ես արեցի ինչ որ կարող էի, հո չե՞մ կարող հնարավորից ավելին անել, համաձայնեցեք ինքներդ։ Եվ սակայն, համաձայնեցեք և այն բանի հետ, որ այդ կնոջ մեջ առկա էին հիմնավոր արժանիքներ... փայլուն գծեր։ Ես քիչ առաջ նույնիսկ ուզում էի նրան բղավել, եթե միայն կարողանայի այդ սոդոմի մեջ թույլ տալ ինձ, որ իր բոլոր մեղադրանքների մեջ հենց նա ինքը իմ լավագույն արդարացումն է։ Դե, երբեմն ո՞վ չէր գերվի այդ կնոջով, խելքը և... ամեն ինչ կորցնելու աստիճան։ Տեսեք, այդ գռեհիկը, Ռոգոժինը, հարյուր հազար քարշ տվեց։ Ենթադրենք, այնուամենայնիվ, ինչ որ հիմա տեղի ունեցավ այնտեղ, վաղանցիկ է, ռոմանտիկ, անվայելուչ, բայց փոխարենը՝ կոլորիտային է, փոխարենը՝ օրիգինալ է, ինքներդ համաձայնեցեք։ Աստված, ի՜նչ կարող էր ստացվել այդպիսի բնավորությունից և այդպիսի գեղեցկությամբ։ Բայց, չնայած բոլոր ջանքերին, նույնիսկ չնայած կրթությանը, ամեն ինչ կորա՜վ։ Չհղկած ալմաստ է, մի քանի անգամ ասել եմ այդ...

Եվ Աֆանասի Իվանովիչը խորունկ հառաչեց։


Երկրորդ մաս

I

Նաստասյա Ֆիլիպովնայի երեկույթին տեղի ունեցած տարօրինակ արկածից երկու օր անց, որով մենք ավարտեցինք մեր պատմության առաջին մասը, իշխան Միշկինն աճապարեց Մոսկվա մեկնել, իր անսպասելի ժառանգությունն ստանալու գործով։ Այն ժամանակ ասում էին, որ այդպես հապճեպ մեկնելու համար կարող էին և այլ պատճառներ լինել։ Բայց այդ մասին, ինչպես և իշխանի մոսկովյան արկածների և առհասարակ Պետերբուրգից նրա բացակա եղած ամբողջ ժամանակամիջոցի մասին մենք բավական քիչ տեղեկություններ կարող ենք հայտնել։ Իշխանը բացակա էր ուղիղ վեց ամիս, և նույնիսկ նրանք, ովքեր նրա ճակատագրով հետաքրքրվելու որոշ պատճառներ ունեին, այդ ամբողջ ժամանակի ընթացքում նրա մասին չափազանց քիչ բան կարող էին իմանալ։ Ճիշտ է, ոմանց, թեպետև խիստ հազվադեպ, որոշ լուրեր էին հասնում, բայց նույնպես մեծ մասամբ տարօրինակ և միշտ հակասական լուրեր։ Իհարկե, իշխանով ամենից շատ հետաքրքրվում էին Եպանչինների տանը, որոնց, մեկնելիս, իշխանը նույնիսկ ժամանակ չունեցավ հրաժեշտ տալու։ Ասենք, գեներալն այն ժամանակ տեսնվեց նրա հետ, նույնիսկ երկու֊երեք անգամ, նրանք ինչ֊որ բանի մասին լրջորեն խոսում էին։ Բայց եթե Եպանչինն ինքը տեսնվում էր, ապա այդ մասին չհայտնեց իր ընտանիքին։ Եվ առհասարակ սկզբներում, այսինքն՝ իշխանի մեկնելուց հետո համարյա մի ամբողջ ամիս, Եպանչինների տանն ընդունված չէր նրա մասին խոսելը։ Միայն գեներալի կինը՝ Լիզավետա Պրոկոֆևնան, ամենասկզբում այն միտքը հայտնեց, որ «ինքը չարաչար սխալված է իշխանի նկատմամբ»։ Հետո երկու թե երեք օր անց ավելացրեց, բայց արդեն առանց իշխանի անունը տալու, այլ անորոշ, որ «իր կյանքի ամենագլխավոր գիծը մարդկանց նկատմամբ անընդհատ սխալվելն է եղել»։ Եվ, վերջապես, արդեն մի տասը օր անց, աղջիկներից ինչ-որ բանի համար նեղացած, իբրև խրատաբանություն եզրափակեց, որ «բավական են սխալները։ Դրանք այլևս չեն լինի»։ Ընգսմին չի կարելի չնշել, որ նրանց տանը բավական երկար ժամանակ տիրում էր ինչ-որ տհաճ տրամադրություն։ Ինչ-որ ծանր, լարված, թերասած, կովային բան կար. բոլորը խոժոռվում էին։ Գեներալը գիշեր-ցերեկ զբաղված էր, հոգ էր տանում գործերի մասին, հազվադեպ էին սրան տեսել ավելի զբաղված ու գործունյա, առանձնապես իր պաշտոնական գործերով։ Տնեցիները հազիվ էին կարողանում նրա երեսը տեսնել։ Ինչ վերաբերում է Եպանչինա օրիորդներին, ապա, իհարկե, նրանք բարձրաձայն բոլորովին չէին արտահայտվել։ Գուցե իրար մեջ մենակ եղած ժամանակ էլ շատ քիչ բան էր ասվել։ Դրանք հպարտ, մեծամիտ աղջիկներ էին և նույնիսկ երբեմն միմյանցից ամաչում էին, բայց և իրար հասկանում էին ոչ միայն առաջին խոսքից, այլ նույնիսկ առաջին հայացքից, այնպես որ երբեմն հարկավոր էլ չէր շատ խոսել։

Մի բան միայն կարող էր եզրակացնել կողմնակի դիտողը, եթե այդպիսի մեկը պատահեր, որ, դատելով բոլոր վերև ասված, թեև փոքրաթիվ տվյալներից, իշխանը, այնուամենայնիվ, կարողացել էր Եպանչինների տանը առանձնահատուկ տպավորություն գործել, թեև այնտեղ եղել էր ընդամենը մեկ անգամ, այն էլ հարևանցի։ Կարող է պատահել, դա հասարակ հետաքրքրասիրության տպավորություն էր, որ բացատրվում էր իշխանի որոշ օտարոտի արկածներով։ Ինչ էլ որ լիներ, բայց տպավորություն թողել էր։

Կամաց-կամաց քաղաքում տարածված լուրերն էլ ծածկվեցին անհայտության խավարով։ Ճիշտ է, պատմվում էր ինչ-որ աննշան իշխանի ու ապուշի մասին (ոչ ոք չէր կարող հաստատ ասել անունը), որը հանկարծ հսկայական ժառանգություն է ստացել և ամուսնացել մի եկվոր ֆրանսուհու, Փարիզի Շատո֊դե֊ֆլյորի հայտնի կանկաներուհու հետ։ Բայց ուրիշներն էլ ասում էին, որ ժառանգություն ստացել է ինչ֊որ գեներալ, իսկ եկվոր ֆրանսուհու և հայտնի կանկաներուհու հետ ամուսնացել է մի ռուս վաճառական ու անհաշիվ հարուստ, և իր հարսանիքին, լոկ սնապարծությունից, հարբած վիճակում, մոմի վրա այրել է վերջին վիճակախաղի փոխառության ուղիղ յոթ հարյուր հազարի տոմս։ Բայց այդ բոլոր լուրերը շատ շուտով լռեցին, որին շատ նպաստեցին հանգամանքները։ Օրինակ, Ռոգոժինի ամբողջ խումբը, որից շատերը կարող էին որոշ բան պատմել, հենց Ռոգոժինի գլխավորությամբ, ամբողջ հոծ զանգվածով մեկնել էր Մոսկվա, Եկատերինհոֆի կայարանում տեղի ունեցած սարսափելի ցոփ կերուխումից համարյա ուղիղ մի շաբաթ հետո, որին ներկա էր նաև Նաստասյա Ֆիլիպովնան։ Մի քանիսին, շատ փոքրաթիվ հետաքրքրվողների, ինչ-որ լուրերից հայտնի էր դարձել, որ Նաստասյա Ֆիլիպովնան Եկատերինհոֆից հետո հենց հաջորդ օրը փախել է, անհետացել, և որ իբրև թե հետքը գտել են, վերջապես, որ նա Մոսկվա է մեկնել, այնպես որ Ռոգոժինի Մոսկվա մեկնելու մեջ էլ սկսեցին զուգադիպություն գտնել այդ լուրի հետ։

Սկսեցին լուրեր պտտվել նաև Գավրիլա Արդալիոնովիչ Իվոլգինի վերաբերյալ, որը նույնպես իր միջավայրում բավական հայտնի էր։ Բայց նրան էլ պատահեց մի հանգամանք, որ արագ սառեցրեց, իսկ հետագայում բոլորովին ոչնչացրեց նրա վերաբերյալ բոլոր անբարյացակամ պատմությունները, նա շատ ծանր հիվանդացավ և չէր կարող հայտնվել ոչ միայն ոչ մի տեղ հասարակության մեջ, այլև պաշտոնատեղում։ Մի ամիս տևող հիվանդությունից հետո նա առողջացավ, բայց չգիտես ինչու ակցիոներական ընկերությունում գրաված պաշտոնից բոլորովին հրաժարվեց, և նրա տեղը գրավեց մեկ ուրիշը։ Գեներալ Եպանչինի տանը նա նույնպես չէր հայտնվում ոչ մի անգամ, այնպես որ գեներալի տուն էլ սկսեց գալ մի ուրիշ աստիճանավոր։ Գավրիլա Արդալիոնովիչի թշնամիները կարող էին ենթադրել, որ նա իրեն պատահածից այն աստիճան անհարմար դրության մեջ է ընկած, որ ամաչում է նույնիսկ փողոց դուրս գալուց. բայց նա իրոք տկար էր. նույնիսկ սևամաղձության վիճակի էր հասել, մտածմունքի մեջ էր ընկնում, ջղայնանում էր։ Վարվառա Արդալիոնովնան հենց նույն ձմեռն ամուսնացավ Պտիցինի հետ. բոլոր նրանց ճանաչողները այդ ամուսնությունը ուղղակի վերագրեցին այն հանգամանքին, որ Գանյան չէր ուզում վերադառնալ իր զբաղմունքին և ոչ միայն դադարեց ընտանիքը պահելուց, այլ նույնիսկ ինքն սկսեց օգնության և համարյա խնամքի կարիք զգալ։

Փակագծերի մեջ նշենք, որ Եպանչինների տանը Գավրիլա Արդալիոնովիչի մասին երբեք նույնիսկ չէր էլ հիշատակվում, կարծես ոչ միայն իրենց տանը, այլ նույնիսկ աշխարհի երեսին այդպիսի մարդ չէր եղել։ Մինչդեռ նրա մասին բոլորը իմացան (և նույնիսկ շատ շուտով) մի շատ նշանակալից հանգամանք, այն է՝ նրա համար հենց այն ճակատագրական գիշերը, Նաստասյա Ֆիլիպովնայի տանը պատահած տհաճ արկածից հետո, Գանյան, տուն վերադառնալով, չպառկեց քնելու, այլ տենդոտ անհամբերությամբ սկսեց սպասել իշխանի վերադարձին։ Իշխանը, որ գնացել էր Եկատերինհոֆ, այնտեղից վերադարձավ առավոտյան ժամը վեցին մոտ։ Այն ժամանակ Գանյան մտավ նրա սենյակը և նրա առաջ սեղանին դրեց փողի խանձված փաթեթը, որ նրան նվիրել էր Նաստասյա Ֆիլիպովնան, երբ ինքը ընկած էր ուշագնաց։ Նա համառորեն խնդրում էր իշխանին, որ նա առաջին իսկ հնարավորության դեպքում այդ նվերը վերադարձնի Նաստասյա Ֆիլիպովնային։ Իշխանի մոտ մտնելիս Գանյան տրամադրված էր թշնամաբար և գրեթե հուսահատ. բայց իբր թե նրա ու իշխանի մեջ ինչ-որ մի քանի խոսք էր ասվել, որից հետո Գանյան նրա մոտ նստել էր մի երկու ժամ և ամբողջ ժամանակ դառնագին հեկեկացել։ Բաժանվել էին երկուսն էլ բարեկամական հարաբերությունների մեջ։

Բոլոր Եպանչիններին հասած այս լուրը, ինչպես հետագայում հաստատվեց, միանգամայն ճշգրիտ էր։ Իհարկե, տարօրինակ է, որ այդ կարգի լուրերը կարող էին այդպես արագ հասնել և իմացվել, օրինակ, Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ ամբողջ տեղի ունեցածը Եպանչինների տանը հայտնի դարձավ գրեթե հաջորդ իսկ օրը և նույնիսկ բավական ճշգրիտ մանրամասնություններով։ Իսկ Գավրիլա Արդալիոնովիչի մասին եղած լուրերի առթիվ կարելի էր ենթադրել, որ նրանք Եպանչինների ականջին է հասցրել Վարվառա Արդալիոնովնան, որը հանկարծ ինչ֊որ ձևով հայտնվել է Եպանչինա օրիորդների մոտ և նույնիսկ շուտով խիստ մտերմացել է նրանց հետ, մի բան, որ չափազանց զարմացնում էր Լիզավետա Պրոկոֆևնային։ Սակայն Վարվառա Արդալիոնովնան, թեև չգիտես ինչու հարկ էր համարել խիստ մերձենալ Եպանչինաներին, իր եղբոր մասին հավանաբար չէր խոսի նրանց հետ։ Նա ևս բավական հպարտ կին էր, թեև յուրովի, չնայած նրան, որ մտերմություն էր հաստատել այնտեղ, որտեղից գրեթե վռնդել էին իր եղբորը։ Դրանից առաջ թեև նա ծանոթ էր Եպանչինա օրիորդների հետ, բայց նրանք հազվաղեպ էին տեսնվում։ Ի դեպ, հյուրասենյակում նա հիմա էլ համարյա չէր երևում և մտնում էր, ասես հարևանցի, հետևի անդաստակից։ Լիզավետա Պրոկոֆևնան երբեք բարեհաճ չէր նրա նկատմամբ, ոչ առաջ, ոչ հիմա, չնայած շատ էր հարգում Նինա Ալեքսանդրովնային՝ Վարվառա Արդալիոնովնայի մայրիկին։ Նա զարմանում էր, բարկանում, ծանոթությունը Վարյայի հետ վերագրում էր իր աղջիկների քմահաճույքին ու իշխելասիրությանը, որոնք «արդեն չդիտեն ինչ հնարեն, որ իրեն հակառակ բան արած լինեն», իսկ Վարվառա Արդալիոնովնան, համենայն դեպս, շարունակում էր նրանց մոտ գալ իր ամուսնությունից առաջ և հետո։

Բայց իշխանի մեկնելուց հետո անցավ մոտ մի ամիս, և տիկին Եպանչինան մի նամակ ստացավ իշխանուհի Բելոկոնսկայայից, որը դրանից մի երկու շաբաթ առաջ գնացել էր Մոսկվա՝ իր ամուսնացած ավագ աղջկա մոտ, և այդ նամակը նրա վրա նկատելի ազդեցություն գործեց։ Թեև նա այդ նամակից ոչինչ չհայտնեց ոչ աղջիկներին, ոչ Իվան Ֆյոդորովիչին, բայց շատ նշաններից ընտանիքում նկատելի դարձավ, որ նա ինչ֊որ առանձնահատուկ ձևով գրգռված, նույնիսկ հուզված է։ Սկսեց շատ տարօրինակ ձևով խոսել աղջիկների հետ և շարունակ այնպիսի՜ արտասովոր բաների մասին։ Ըստ երևույթին, նա ուզում էր արտահայտվել, բայց չգիտես ինչու ինքն իրեն զսպում էր։ Նամակն ստացած օրը նա բոլորին գուրգուրեց, նույնիսկ համբուրեց Ագլայային ու Ադելաիդային, ինչ-որ բանի համար զղջաց նրանց առաջ, բայց թե ինչի՝ աղջիկները չկարողացան հասկանալ։ Նույնիսկ դեպի Իվան Ֆյոդորովիչը, որին ամբողջ ամիսը պահել էր շնորհազուրկ վիճակում, հանկարծ ներողամիտ դարձավ։ Հասկանալի է, հենց հաջորդ օրը նա սաստիկ բարկացավ իր երեկվա փափկասրտության համար և դեռ մինչև ճաշ հասցրեց բոլորի հետ կռվել, բայց երեկոյան կողմ հորիզոնը նորից պարզվեց։ Առհասարակ ամբողջ շաբաթը նա շարունակում էր բավականին պայծառ տրամադրության մեջ լինել, որ արդեն վաղուց չէր եղել։

Բայց ևս մի շաբաթ հետո Բելոկոնսկայայից մի նամակ էլ ստացվեց, և այս անգամ արդեն Լիզավետա Պրոկոֆևնան վճռեց արտահայտվել։ Նա հանդիսավոր կերպով հայտարարեց, որ «պառավ Բելոկոնսկայան» (նա երբեք այլ կերպ չէր կոչում իշխանուհուն՝ նրա մասին հեռակա խոսելիս) նրան չափազանց մխիթարական լուրեր է հաղորդում այդ... «խենթուկի, դե, ահա, իշխանի մասին»։ Պառավը Մոսկվայում որոնել գտել է նրան, տեղեկացել է նրա մասին, իմացել է մի շատ լավ բան, վերջապես իշխանն ինքը ներկայացել է նրան և իշխանուհու վրա գրեթե արտակարգ տպավորություն է գործել։ «Դա նրանից է երևում, որ իշխանուհին հրավիրել է նրան ամեն օր առավոտները այցելել իրեն ժամը մեկից մինչև երկուսը, և իշխանը ամեն օր քարշ է գալիս նրա մոտ և մինչև հիմա չի ձանձրացրել»,— եզրակացրեց գեներալի կինը, դրան ավելացնելով, որ «պառավի» միջոցով իշխանին սկսել են ընդունել երկու֊երեք լավ տներում։ «Այդ լավ է, որ նստկանի պես տանը չի նստում ու չի ամաչում հիմարի պես»։ Աղջիկները, որոնց հայտնված էր այդ ամենը, իսկույն նկատեցին, որ մայրիկը իր նամակից կարծես շատ բան թաքցրեց իրենցից։ Թերևս նրանք դա իմացան Վարվառա Արդալիոնովնայի միջոցով, որը կարող էր գիտենալ և, իհարկե, գիտեր այն ամենը, ինչ որ Պտիցինը գիտեր իշխանի և նրա Մոսկվայում գտնվելու մասին։ Իսկ Պտիցինին կարող էր հայտնի լինել նույնիսկ ավելին, քան բոլորին։ Բայց նա գործարար տեսակետից չափազանց լռակյաց մարդ էր, թեև հասկանալի է, Վարյային ասում էր։ Գեներալի կինը դրա համար իսկույն և ավելի ևս չսիրեց Վարվառա Արդալիոնովնային։

Բայց ինչ էլ լիներ, սառույցը կոտրված էր, և հանկարծ հնարավոր դարձավ իշխանի մասին խոսել բարձրաձայն։ Բացի դրանից մի անգամ էլ պարզ դրսևորվեց այն արտասովոր տպավորությունր և այն արդեն չափից դուրս մեծ հետաքրքրությունը, որը հարուցել և իր մասին թողել էր իշխանը Եպանչինների տանը։ Գեներալի կինը նույնիսկ զարմացավ այն տպավորությունից, որ գործեցին իր աղջիկների վրա Մոսկվայից ստացած լուրերը։ Իսկ աղջիկները նույնպես զարմացան իրենց մայրիկի վրա, որն այնպիսի հանդիսավորությամբ հայտարարեց նրանց, որ «նրա կյանքի ամենագլխավոր գիծը մարդկանց նկատմամբ անընդհատ սխալվելն է», և միևնույն ժամանակ իշխանին հանձնարարեց «մեծահզոր» պառավ Բելոկոնսկայայի ուշադրությանը Մոսկվայում, ըստ որում, իհարկե, հարկ եղավ նրա ուշադրությունը ստանալ ի սեր Քրիստոսի և աստծու թախանձագին խնդրանքով, որովհետև «պառավին» որոշ դեպքերում դժվար էր տեղից շարժել։

Բայց հենց որ սառույցը կոտրվեց և նոր քամի փչեց։ գեներալը նույնպես շտապեց արտահայտվել։ Պարզվեց, որ նա էլ անասելի հետաքրքրվում էր։ Ի դեպ, նա հայտնեց լոկ «նյութի գործնական կողմի» մասին։ Պարզվեց, որ նա, իշխանի շահերից ելնելով, ինչ֊որ երկու պարոնների, որոնք յուրովի շատ վստահելի ու ազդեցիկ մարդիկ են Մոսկվայում, հանձնարարել է հետևել իշխանին և առանձնապես նրա ղեկավար Սալազկինին։ Այն ամենը, ինչ ասվում էր ժառանգության մասին, «այսպես ասած ժառանգության փաստի մասին», ճիշտ դուրս եկավ, բայց որ բուն ժառանգությունը այնքան էլ նշանակալի չի, որքան որ սկզբում տարածեցին նրա մասին։ Կարողությունը կիսով չափ խճճված է. հայտնվել էին պարտքեր, հայտնվել էին ինչ֊որ հավակնորդներ, և իշխանն էլ, չնայած բոլոր ղեկավարումներին, իրեն պահում էր ամենաանգործնական ձևով։ «Իհարկե, աստված բարին տա նրան», այժմ, երբ «լռության սառույցը» կոտրված է, գեներալն ուրախ է այդ մասին հայտարարել հոգու «ամբողջ անկեղծությամբ», որովհետև «մարդը մի քիչ էնիք է», բայց արժանի է դրան։ Այնուամենայնիվ այստեղ հիմարություն է արել, օրինակ, հայտնվել են հանգուցյալ վաճառականի պարտատերերը, վիճելի, աննշան փաստաթղթերով, ոմանք էլ իշխանի բնավորության հոտն առնելով, ուղղակի առանց փաստաթղթերի, և ի՞նչ։ Իշխանը գրեթե բոլորին բավարարել է, չնայած բարեկամների բոլոր զեկույցներին այն մասին, որ բոլոր այդ մարդուկներն ու պարտատիրուկները բոլորովին անիրավ են, և լոկ նրա համար է բավարարել, որ իրոք պարզվել է, որ նրանցից մի քանիսը իսկապես տուժել են։

Գեներալի կինը դրան պատասխանել է, որ այդ ոգով նրան գրում է նաև Բելոկոնսկայան, և որ դա «հիմարություն է, մեծ հիմարություն. հիմարին բուժել չի լինի»,― չոր֊չոր ավելացրեց նա, բայց նրա դեմքից երևում էր, թե որքան ուրախ էր այդ «հիմարի» արարքներից։ Ի եզրափակումն ամենի, գեներալը նկատեց, որ իր կինը իշխանով հետաքրքըրվում է ինչպես իր հարազատ որդով և որ նա սկսել է Ագլայային չափից ավելի գուրգուրել. այդ տեսնելով, Իվան Ֆյոդորովիչը միաժամանակ չափազանց գործնական տեսք ընդունեց։

Բայց դարձյալ այդ հաճելի տրամադրությունը երկար չտևեց։ Անցավ ընդամենը երկու շաբաթ, և հանկարծ նորից ինչ֊որ բան փոխվեց, գեներալի կինը խոժոռվեց, իսկ գեներալը, մի քանի անգամ ուսերը թոթվելով, դարձյալ ենթարկվեց «լռության սառույցին»։ Բանն այն է, որ ընդամենը երկու շաբաթ առաջ նա մի տեղեկություն ստացավ, թեև կարճառոտ, ուստի և ոչ այնքան պարզ, բայց դրա փոխարեն ճիշտ, այն մասին, որ Նաստասյա Ֆիլիպովնան, որ սկզբում կորել էր Մոսկվայում, հետո նրան Մոսկվայում իսկ գտել էր Ռոգոժինը, հետո նորից ուր-որ կորել էր և նորից գտնվել Ռոգոժինի կողմից, վերջապես գրեթե հաստատ խոսք էր տվել նրա հետ ամուսնանալու։ Եվ ահա ընդամենը երկու շաբաթ անց նորին գերազանցությունը հանկարծ լուր է ստանում, որ Նաստասյա Ֆիլիպովնան փախել է երրորդ անգամ, գրեթե պսակադրության արարողությունից, և այս անգամ կորել է ինչ֊որ նահանգում. մինչդեռ Մոսկվայից անհայտացել է նաև իշխան Միշկինը, իր բոլոր գործերը թողնելով Սալազկինի տնօրինությանը, «հայտնի չէ՝ նրա հետ, թե նրա հետևից, բայց այստեղ մի բան կա»,— եզրափակեց գեներալը։ Լիզավետա Պրոկոֆևնան նույնպես և իր կողմից ստացել էր ինչ-որ տհաճ տեղեկութւուններ։ Վերջ ի վերջո իշխանի մեկնելուց երկու ամիս անց Պետերբուրգում համարյա լռեց նրա մասին ամեն մի լուր, իսկ Եպանչինների տանը «լռության սառույցը» այլևս չէր կոտրվում։ Ասենք, Վարվառա Արդալիոնովնան այնուամենայնիվ շարունակում էր այցելել օրիորդներին։

Որպեսզի վերջացնենք այս բոլոր լուրերի ու տեղեկությունների պատմությունը, ավելացնենք և այն, որ գարնան կողմ Եպանչինների մոտ շատ հեղաշրջումներ եղան, այնպես որ դժվար էր չմոռանալ իշխանի մասին, որն ինքն էլ տեղեկություն չէր տալիս, կարող է պատահել, որ չէր էլ ուզում տալ։ Ձմեռվա ընթացքում կամաց֊կամաց, վերջապես, վճռեցին ամառն ուղևորվել արտասահման, այսինքն՝ Լիզավետա Պրոկոֆևնան աղջիկների հետ. գեներալին, հասկանալի է, չէր կարելի ժամանակը վատնել «դատարկ զվարճության» վրա։ Վճիռը կայացավ աղջիկների արտակարգ ու համառ պնդումով, որոնք լիովին համոզվել էին, որ իրենց արտասահման տանել չեն ուզում նրա համար, որ ծնողների անընդհատ հոգսն է նրանց ամուսնացնել և նրանց համար փեսացուներ որոներ կարող է պատահել, ծնողներն էլ համոզվեցին, վերջապես, որ փեսացուներ կարող են հանդիպել նաև արտասահմանում, և որ մի ամառվա ուղևորությունը ոչ միայն չի կարող ոչինչ խափանել, այլ, թերևս, դեռ նույնիսկ նկարող է նպաստել»։ Այստեղ տեղին կլինի հիշատակել, որ Աֆանասի Իվանովիչ Տոցկու և ավագ Եպանչինայի նախագծվող ամուսնությունը բոլորովին խափանվեց, և Տոցկու ձևական առաջարկությունը բնավ տեղի չունեցավ։ Դա պատահեց մի տեսակ ինքն իրեն, առանց մեծ խոսակցությունների և առանց որևէ, ընտանեկան պայքարի։ Իշխանի մեկնելուց ի վեր հանկարծ ամեն ինչ լռեց երկու կողմից էլ։ Ահա այս հանգամանքն էլ մասամբ մտավ Եպանչինների ընտանիքում այն ժամանակ տիրող ծանր տրամադրության պատճառների շարքը, թեև գեներալի կինը դեռ այն ժամանակ ասաց, որ ինքն հիմա ուրախ է «երկու ձեռքով երեսը խաչ հանել»։ Գեներալը թեև շնորհազրկված էր և զգում էր, որ մեղավորն ինքն է, բայց և այնպես երկար ժամանակ նեղացած էր. նա ափսոսում էր Աֆանասի Իվանովիչին. «այդպիսի կարողության տեր և այդպիսի ճարպիկ մարդ»։ Շատ չանցած գեներալն իմացավ, որ Աֆանասի Իվանովիչը գերվել է բարձր հասարակությանը պատկանող մի ֆրանսուհով, որ մարկիզուհի և լեգիտիմիստուհի էր, որ ամուսնությունը կկայանա և որ Աֆանասի Իվանովիչին կտանեն Փարիզ, իսկ հետո ուր-որ Բրետան։ «Է՛, ֆրանսուհու հետ կկորչի»,— վճռեց գեներալը։

Իսկ Եպանչինները պատրաստվում էին ամառը մեկնել։ Եվ հանկարծ տեղի ունեցավ մի հանգամանք, որը նորից ամեն ինչ խառնեց նոր ձևով և մեկնումը նորից հետաձգվեց ի մեծ ուրախություն գեներալի և գեներալի կնոջ։ Պետերբուրգ շնորհ բերեց մի իշխան, իշխան Շչ֊ն, ի դեպ, հայտնի մարդ, և հայտնի շատ և շատ դրական տեսակետից։ Դա մեկն էր վերքին ժամանակվա այն մարդկանցից, կամ նույնիսկ, կարելի է ասել, գործիչներից, ազնիվ, համեստ, որոնք անկեղծորեն ու գիտակցաբար ցանկանում են օգտակարը. միշտ աշխատում են և աչքի են ընկնում այն հազվագյուտ ու երջանիկ հատկությամբ, որ միշտ գտնում են աշխատանք։ Առանց ցուցադրվելու, խուսափելով կուսակցությունների անողոքությունից ու դատարկաբանությունից, իրեն չհամարելով առաջինների շարքում, իշխանը, սակայն, չափազանց հիմնավորապես շատ բան էր իմացել վերջին ժամանակներս կատարվածից։ Նա առաջ ծառայում էր, հետո սկսեց մասնակցել նաև զեմստվային գործունեությանը։ Բացի այդ, ռուսական մի քանի գիտական ընկերությունների օգտակար թղթակից էր։ Մի ծանոթ տեխնիկի հետ միացած, հավաքած տեղեկություններով ու հետազոտություններով օժանդակում էր նախագծվող կարևորագույն երկաթուղիներից մեկի ավելի ճիշտ ուղղությանը։ Նա մոտ երեսունհինգ տարեկան էր։ Նա «ամենաբարձր հասարակությանը պատկանող» մարդ էր և, բացի այդ «լավ, լուրջ, անվիճելի» կարողության տեր, ինչպես արտահայտվեց գեներալը, առիթ ունենալով մի բավական լուրջ գործով հանդիպել ու ծանոթանալ իշխանի հետ իր պետի՝ կոմսի տանը։ Իշխանը մի որոշ առանձնահատուկ հետաքրքրությունից մղված, երբեք չէր խուսափում ռուս «գործարար մարդկանց» հետ ծանոթանալուց։ Այնպես պատահեց, որ իշխանը ծանոթացավ նաև գեներալի ընտանիքի հետ։ Ադելաիդա Իվանովնան, երեք քույրերից միջնակը, նրա վրա բավական ուժեղ տպավորություն գործեց։ Գարնան կողմ իշխանը բացատրվեց։ Ադելաիդային նա շատ դուր եկավ, դուր եկավ նաև Լիզավետա Պրոկոֆևնային։ Գեներալը շատ ուրախ էր։ Ինքնին հասկանալի է, ուղևորությունը հետաձգվեց։ Հարսանիքը նշանակված էր գարնանը։

Ասենք, ուղևորությունը կարող էր լինել և ամառվա կեսին և վերջին, թեկուզ մեկ կամ երկու ամսով, որպես զբոսանք Լիզավետա Պրոկոֆևնայի ու նրա հետ մնացած երկու աղջիկների, որպեսզի փարատեին այն թախիծը, որ պատճառելու էր Ադելաիդան, նրանցից բաժանվելով։ Բայց դարձյալ մի նոր բան պատահեց, արդեն գարնան վերջին (Ադելաիդայի հարսանիքը մի քիչ դանդաղել էր և հետաձգված էր մինչև ամառվա կեսը) իշխան Շչ֊ն Եպանչինների տուն բերեց իր հեռավոր ազգականներից մեկին, որին, սակայն, բավական լավ ճանաչում էր։ Դա ոմն Եվգենի Պավլովիչ Ռ-ն էր, դեռ երիտասարդ, մոտ քսանութ տարեկան, ֆլիգել-ադյուտանտ, գեղեցկության տիպար, «ազնվական տոհմից», սրամիտ, փայլուն, «նոր», «չափազանց կրթված», և արդեն ինչ֊որ չլսված չափերի հարստության տեր մի մարդ։ Այդ վերջին կետի վերաբերյալ գեներալը միշտ զգույշ էր։ Նա տեղեկություններ հավաքեց. «Իրոք մի այդպիսի բան կա, սակայն դեռ պետք է պարզել»։ Այդ երիտասարդը ու «ապագա խոստացող» ֆլիգել-ադյուտանտը Եպանչինների աչքին խիստ բարձրացել էր շնորհիվ այն կարծիքի, որ Մոսկվայից հայտնել էր Բելոկոնսկայան։ Միայն նրա մասին համբավ էր տարածված մի որոշ փափուկ հարցի շուրջը. մի քանի կապեր և, ինչպես հավատացնում էին, «հաղթանակներ» ինչ֊որ դժբախտ սրտերի նկատմամբ։ Ագլայային տեսնելով, նա Եպանչինների տանը դարձավ արտասովոր նստակյաց։ Ճիշտ է, դեռ ոչինչ չէր ասված, նույնիսկ ոչ մի ակնարկ չէր արված, բայց, համենայն դեպս, ծնողներին թվում էր, որ այս ամառ արտասահմանյան ուղևորության մասին մտածելն ավելորդ է։

Ագլայան ինքը գուցե և այլ կարծիքի էր։

Դա տեղի էր ունենում արդեն մեր պատմության բեմի վրա մեր հերոսի երկրորդ անգամ հայտնվելու համարյա հենց սկզբին։ Արտաքինից դատելով, այդ ժամանակ Պետերբուրգում արդեն բոլորովին մոռացել էին խեղճ իշխան Միշկինին։ Եթե նա հիմա հանկարծ հայտնվեր նրան ճանաչողների մեջ, ապա կարծես երկնքից ընկած կլիներ։ Այսուհանդերձ մինչ այդ կհայտնենք մի փաստ ևս ու դրանով կավարտենք մեր ներածությունը։

Կոլյա Իվոլգինը իշխանի մեկնելուց հետո սկզբում շարունակում էր իր առաջվա կյանքը, այսինքն՝ գնում էր գիմնազիա, այցելում էր իր բարեկամ Իպոլիտին, հետևում էր գեներալին և տնտեսության մեջ օգնում Վարյային, այսինքն՝ կատարում էր նրա բոլոր ցանկությունները։ Բայց կենվորներն արագ անհայտացան. Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ տեղի ունեցած արկածից երեք օր հետո Ֆերդիշչենկոն տեղափոխվեց չգիտես ուր և բավական շուտով կորավ, այնպես, որ նրա մասին լռեց ամենայն լուր. ասում էին, բայց ոչ հաստատ, որ մի տեղ խմում է։

Իշխանը մեկնեց Մոսկվա, կենվորների հարցը փակված էր։ Հետագայում, երբ արդեն Վարյան ամուսնացավ, Նինա Ալեքսանդրովնան ու Գանյան նրա հետ փոխադրվեցին Պտիցինի մոտ, Իզմայլովյան գունդ, ինչ վերաբերում է գեներալ Իվոլգինին, ապա նրան գրեթե հենց նույն ժամանակ մի բոլորովին չնախատեսված բան պատահեց, նրան կալանատուն նստեցրին։ Նրան այդտեղ ուղարկողը իր բարեկամուհին՝ կապիտանի կինն էր, որին տարբեր ժամանակներ մոտ երկու հազարի արժողության փաստաթղթեր էր տվել։ Այդ բոլորը նրա համար կատարյալ անակնկալ էր եղել, և խեղճ գեներալը «իսկական զոհ էր, ընդհանրապես ասած, մարդկային սրտի ազնվության վերաբերյալ իր անչափելի հավատի»։ Փոխառական պարտագրեր ու մուրհակներ ստորագրելու հանգստացուցիչ սովորություն ընդունելով, նրա մտքովն իսկ չէր անցնում, որ դրանք թեկուզ երբևէ կարող են ներգործություն ունենալ, միշտ մտածում էր, որ դա հենց այնպես է։ Պարզվեց, որ այդպես չէ։

«Սրանից հետո հավատա մարդկանց, ցույց տուր ազնիվ դյուրահավատություն»,— վշտալի բացականչում էր նա, գինու շիշն առաջին՝ նստած Տարասովի տանը նոր բարեկամների հետ և նրանց անեկդոտներ պատմելով Կարսի պաշարման և հարություն առած զինվորի մասին։ Ի դեպ նա սկսեց հիանալի կյանք վարել։ Պտիցինն ու Վարյան ասում էին, դա իսկական նրա տեղն է որ կա․ Գանյան լիովին հաստատեց այդ։ Միայն խեղճ Նինա Ալեքսանդրովնան էր թաքուն դառնագին լալիս (որ նույնիսկ զարմացնում էր տնեցիներին) և, շարունակ տկար լինելով հանդերձ, որքան կարող էր հաճախակի, քարշ էր գալիս Իզմայլովյան գունդ, ամուսնու հետ տեսակցության։

Բայց «գեներալին պատահած դեպքից» ի վեր, ինչպես արտահայտվում էր Կոլյան, և առհասարակ քրոջ ամուսնանալուց ի վեր Կոլյան համարյա բոլորովին անհնազանդ էր դարձել և այնտեղ էր հասել, որ վերջին ժամանակները նույնիսկ հազվադեպ էր տուն գալիս գիշերելու։ Ըստ լուրերի, նա բազմաթիվ նոր ծանոթություններ էր հաստատել․ բացի այդ, շատ հայտնի էր դարձել նաև կալանատանը։ Նինա Ալեքսանդրովնան այնտեղ առանց նրա չէր էլ կարող յոլա գնալ, իսկ տանը հիմա նրան չէին անհանգստացնում նույնիսկ հետաքրքրվելով, թե նա ինչով է զբաղվում։ Վարյան, որ առաջ այնքան խիստ էր վարվում նրա հետ, հիմա նրա թափառումների մասին ամենաչնչին հարցաքննության էլ չէր ենթարկում։ Իսկ Գանյան, ի մեծ զարմանս տնեցիների, չնայած իր ողջ մելամաղձությանը, խոսում և նույնիսկ երբեմն բոլորովին ընկերաբար մտերմանում էր նրան, մի բան, որ բոլորովին չէր լինում առաջ, քանի որ քսանյոթամյա Գանյան բնականաբար ոչ մի մտերմական ուշադրություն չէր դարձնում իր տասնհինգամյա եղբոր վրա, հետը կոպիտ էր վարվում, բոլոր տնեցիներից միայն խստություն էր պահանջում նրա նկատմամբ և շարունակ սպառնում էր «նրա ականջները քաշել», որը Կոլյա յին հանում էր «մարդկային համբերության վերջին սահմաններից»։ Կարելի էր կարծել, որ հիմա Կոլյան երբեմն նույնիսէլ անհրաժեշտ էր լինում Գանյային։ Կոլյային շատ էր զարմացրել, որ նա այն ժամանակ վերադարձրել էր փողերը, դրա համար նա պատրաստ էր շատ բան ներել եղբորը։

Իշխանի մեկնելուց անցել էր մոտ երեք ամիս, և Իվոլգինների ընտանիքում իմացան, որ Կոլյան հանկարծ ծանոթացել է Եպանչինների հետ և շատ լավ է ընդունվել օրիորդների կողմից։ Վարյան շուտով իմացավ այդ մասին, ի դեպ, Կոլյան ծանոթացել էր ոչ թե Վարյայի միջոցով, այլ «ինքն իր կողմից»։ Կամաց֊կամաց Եպանչինների տանն սկսեցին սիրել նրան։ Գեներալի կինն սկզբում շատ դժգոհ էր նրանից, բայց շուտով սկսեց փաղաքշել նրան «անկեղծության և այն բանի համար, որ չի շողոքորթում»։ Որ Կոլյան չէր շողոքորթում, դա միանգամայն իրավացի էր, նա կարողացավ նրանց հետ միանգամ այն հավասարի և անկախ դիրք բռնել, թեև երբեմն գեներալի կնոջ համար գրքեր ու լրագրեր էր կարդում. բայց նա միշտ էլ պատրաստակամ էր։ Ասենք, նա մի երկու անգամ թունդ կռվեց Լիղավետա Պրոկոֆևնայի հետ, հայտարարեց նրան, որ նա բռնակալ է և որ ինքը ոտք չի դնի նրա տունը։ Առաջին անդամ վեճ ծագեց «կանանց հարցի» պատճառով, իսկ երկրորդ անգամ այն հարցի պատճաոով, թե տարվա ո՞ր եղանակին լավ է որսալ ազնվասարեկներ։ Որքան էլ տարօրինակ լինի, բայց վիճաբանությունից երեք օր հետո գեներալի կինը սպասավորի միջոցով նրան մի տոմսակ ուղարկեց, խնդրելով, որ անպայման շնորհ բերի. Կոլյան չէր կոտրատվում և անմիջապես ներկայացավ։ Չգիտես ինչու, միայն Ագլայան լավ չէր տրամադրված դեպի նա և վերևից էր նայում նրա վրա։ Բայց Կոլյային վիճակված էր հենց նրան մասամբ զարմացնել։ Մի անգամ, դա զատկի տոներին էր, որսալով մի րոպե, երբ մենակ էին, Կոլյան Ագլայային մի նամակ հանձնեց, ասելով միայն, որ պատվիրված է հանձնել միմիայն նրան։ Ագլայան սպառնագին նայեց «անձնապաստան անպիտան տղային», բայդ Կոլյան չսպասեց ու դուրս գնաց։ Ագլայան նամակը բացեց ու կարդաց.

«Մի ժամանակ դուք ինձ պատիվ արիք ձեր վստահությամբ։ Կարող է պատահել, դուք հիմա բոլորովին մոռացել եք ինձ։ Ինչպե՞ս պատահեց, որ գրում եմ ձեզ։ Չգիտեմ, բայց իմ մեջ անզուսպ ցանկություն ծագեց ձեզ հիշեցնել իմ մասին, և հատկապես ձեզ։ Քանի անգամ դուք երեքդ էլ ինձ շատ պետք եք եղել, բայց բոլոր երեքիցդ ես տեսել եմ միայն ձեզ։ Դուք ինձ պետք եք, շատ եք պետք։ Ես ոչինչ չունեմ ձեզ գրելու իմ մասին, ոչինչ չունեմ պատմելու։ Ես այդ չէի էլ ուզում. ես սաստիկ կցանկանայի, որ դուք երջանիկ լինեիք; Արդյոք երջանի՞կ եք։ Ահա հենց միայն այս էի ուզում ասել ձեզ։ Ձեր եղբայր իշխ. Լ. Միշկին»։

Այս կարճառոտ և բավական անկապ տոմսակը կարդալով, Ագլայան հանկարծ ամբողջովին շիկնեց և մտածմունքի մեջ ընկավ։ Մեզ համար դժվար կլիներ հաղորդել նրա մտքերի ընթացքը։ Ի միջի այլոց նա հարցրեց իրեն. «Որևէ մեկին ցույց տա՞ արդյոք»։ Նա մի տեսակ ամաչում էր։ Սակայն, ի վերջո, ծաղրական ու տարօրինակ ժպիտով նամակը նետեց իր սեղանի արկղը։ Հաջորդ օրը նորից հանեց ու դրեց մի հաստ, ամուր կազմով գրքի մեջ (նա միշտ էլ այդպես էր վարվում իր թղթերի հետ, որպեսզի արագ գտներ, երբ պետք գար)։ Եվ արդեն միայն մի շաբաթ հետո առիթ ունեցավ ուշք դարձնելու, թե ինչ գիրք էր այդ։ Դա «Դոն-Կիխոտ Լամանչեցին» էր։ Ագլայայի ծիծաղը սաստիկ բռնեց, հայտնի չէ ինչու։

Հայտնի չէ նաև, թե արդյոք նա իր ստացածը ցույց տվե՞ց քույրերից որևէ մեկին։

Բայց դեռ նամակը կարդալիս, հանկարծ նրա մտքով անցավ. մի՞թե իշխանը այդ անձնապաստան անպիտան տղային, այդ պոռոտախոսին է ընտրել թղթակից և ով գիտե, նրա այստեղի միակ թղթակիցն է։ Թեև, արտասովոր արհամարհոտ տեսքով, բայց և այնպես նա Կոլյային հարցաքըննության ենթարկեց։ Բայց միշտ վիրավորվող «անպիտան տղան» այս անգամ ամենափոքր իսկ ուշադրություն չդարձրեց արհամարհանքին. չափազանց կարճ և բավական չոր բացատրեց Ագլայային, որ թեև ինքը համենայն դեպս իր մշտական հասցեն հայտնել էր իշխանին Պետերբուրգից նրա մեկնելուց անմիջապես առաջ և ընդսմին առաջարկել էր իր ծառայությունները, բայց որ սա առաջին հանձնարարությունն է, որ նա ստացել է իշխանից և իրեն ուղղած նրա առաջին տոմսակը, իսկ որպես ապացույց իր խոսքերի ներկայացրեց նաև նամակը, որ անձամբ ինքն էր ստացել։ Ագլայան անհարմար չզգաց ու կարդաց։ Կոլյային ուղղած նամակում ասված էր.

«Սիրելի Կոլյա, բարի եղեք, սրան առընթեր կնքած նամակը հանձնեցեք Ագլայա Իվանովնային։ Ողջ լերուք։ Ձեզ սիրող իշխ. Լ. Միշկին»։

— Համենայն դեպս ծիծաղելի է այսպիսի փուչիկին վստահելը,— վիրավորված արտասանեց Ագլայան, Կոլյային հանձնելով տոմսակը և արհամարհաբար անցավ նրա մոտով։

Դրան արդեն չէր կարող դիմանալ Կոլյան. այնինչ նա հատկապես այդ դեպքի առթիվ Գանյայից խնդրել էր, առանց պատճառը նրան բացատրելու, և վիզը գցել նրա դեռ բոլորովին նոր կանաչ շարֆը։ Նա չարաչար վիրավորվեց։

II

Հունիսի սկիզբն էր, և Պետերբուրգում ահա արդեն մի ամբողջ շաբաթ բացառիկ լավ եղանակ էր։ Եպանչինները սեփական հարուստ ամառանոց ունեին Պավյովսկում։ Լիզավետա Պրոկոֆևնան հանկարծ տակն ու վրա եղավ ու տեղից շարժվեց, երկու օր էլ դեսդեն չընկած, տեղափոխվեցին։

Եպանչինների փոխադրվելու հաջորդ թե երրորդ օրը առավոտյան գնացքով Մոսկվայից ժամանեց նաև իշխան Լև Նիկոլաևիչ Միշկինը։ Կայարանում նրան ոչ ոք չդիմավորեց, բայց վագոնից դուրս գալիս գնացքով ժամանածներին պաշարած ամբոխի մեջ հանկարծ նրա աչքին երևաց ինչ-որ մեկի զույգ աչքերի տարօրինակ, բորբոքված հայացքը։ Ավելի ուշադիր նայելով, նա այլևս ոչինչ չջոկեց։ Իհարկե, միայն աչքին էր երևացել, բայց տհաճ տպավորություն մնաց։ Ընդսմին իշխանն առանց այդ էլ տխուր ու մտախոհ էր և թվում էր ինչ֊որ բանով մտահոգված։

Կառապանը նրան հասցրեց Լիտեյնայայից ոչ հեռու գտնվող մի հյուրանոց։ Հյուրանոցը վատն էր։ Իշխանն զբաղեցրեց երկու փոքրիկ, խավար ու վատ կահավորված սենյակ, լվացվեց, հագնվեց, ոչինչ չպահանջեց ու շտապ դուրս եկավ, կարծես վախենալով կորցնել ժամանակը կամ ինչ-որ մեկին տանը չգտնել։

Եթե նրա առաջին գալստյանը՝ կես տարի առաջ Պետերբուրգում նրան ճանաչողներից որևէ մեկը նրան տեսներ, ապա թերևս կեզրակացներ, որ նա արտաքուստ շատ է փոխվել դեպի լավը։ Բայց հազիվ թե դա այդպես էր։ Միայն զգեստի մեջ էր լիակատար վափոխություն. ամբողջ հագուստն ուրիշ էր, Մոսկվայում լավ դերձակի կարած, բայց հագուստի մեջ էլ թերություն կար. չափից ավելի մոդայով էր կարված (ինչպես միշտ կարում են բարեխիղճ, բայց ոչ այնքան տաղանդավոր դերձակները), այն էլ այնպիսի մարդու համար, որը դրանով բոլորովին չէր հետաքրքրվում, այնպես որ իշխանին ուշադիր նայելիս, ծիծաղելու շատ սիրահար որևէ մեկը գուցե և ժպտալու մի բան գտներ։ Բայց ինչի՞ց ասես մարդու ծիծաղը չի գալիս։

Իշխանը կառք վերցրեց և ուղևորվեց Պեսկի։ Ռոժդեստվենսկայա փողոցներից մեկում նա շուտով գտավ մի ոչ մեծ փայտաշեն տնակ։ Ի զարմանս նրա, այդ տնակի տեսքը գեղեցիկ էր, մաքուր, տիրում էր խիստ կարգ ու կանոն, նախապարտեզ ուներ, որտեղ ծաղիկներ էին աճում։ Դեպի փողոց նայող լուսամուտները բաց էին և այնտեղից լսվում էր անընդհատ սուր խոսակցություն, գրեթե բղավոց, կարծես մեկը բարձրաձայն կարդում էր կամ նույնիսկ ճառ էր արտասանում. ձայնը երբեմն ընդհատվում էր մի քանի, զրնգուն ձայների ծիծաղով։ Իշխանը բակ մտավ, բարձրացավ անդաստակ և հարցրեց պարոն Լեբեդևին։

— Ահա նա,— պատասխանեց դուռը բացող խոհարարուհին, որի թևքերը քշտած էին մինչև արմունկները, և մատով ցույց տվեց «հյուրասենյակը»։

Այդ հյուրասենյակում, որը պատած էր մուգ երկնագույն թղթով և կահավորված էր մաքուր ու որոշ հավակնություններով, այսինքն՝ կար կլոր սեղան ու բազմոց, ծածկույթի տակ դրած բրոնզե ժամացույց, լուսամուտների միջև պատամասին կախած էր նեղլիկ հայելի և առաստաղից բրոնզե շղթայիկով կախած էր ապակեզարդ հնագույն փոքրիկ ջահ, այդ սենյակի մեջտեղում կանգնած էր պարոն Լեբեդևն ինքը, մեջքն արած ներս մտնող իշխանի կողմը, ժիլետով, բայց առանց վերնազգեստի, ամառային ձևով, և, կուրծքը ծեծելով, դառնագին ճարտասանում էր ինչ-որ թեմայով։ Ունկնդիրներն էին՝ մոտ տասնհինգամյա մի տղա, բավական զվարթ ու խելացի դեմքով և գիրքը ձեռքին, ամբողջովին սևեր հագած և մի ծծկեր երեխա գրկած մոտ քսանամյա մի աղջիկ, մի տասներեքամյա աղջիկ, նույնպես սգազգեստով, որը սաստիկ ծիծաղում էր, բերանը շատ լայն բացելով, և, վերջապես, բազմոցին պառկած մի չափազանց տարօրինակ ունկնդիր, բավական գեղեցիկ, թխավուն, մոտ քսանամյա մի երիտասարդ, երկար, խիտ մազերով, խոշոր սև աչքերով, փոքրիկ այտամորուսների ու մորուքի հավակնությամբ։ Այդ ունկնդիրը, թվում է, հաճախ էր ընդմիջում և վիճարկում ճարտասանող Լեբեդևին. հավանաբար հենց դրա վրա էր ծիծաղում մնացած բազմությունը։

— Լուկյան Տիմոֆեյիչ, այ Լուկյան Տիմոֆեյիչ։ Մի տես, է՜։ Դե այս կողմը նայիր... Էհ, գրողը տանի ձեզ։

Եվ խոհարարուհին հեռացավ, ձեռքերը թափահարելով ու այնպես բարկացած, որ նույնիսկ ամբողջովին կարմրատակեց։

Լեբեդևը ետ նայեց և, իշխանին տեսնելով, միառժամանակ կանգ առավ շանթահարի պես, հետո նետվեց դեպի նա՝ ստորաքարշ ժպիտը դեմքին, բայց ճանապարհին կարծես նորից քարացավ, ի դեպ, արտասանելով.

— Ամ֊ամ֊ամենապայծառափա՜յլ իշխան։

Բայց հանկարծ, կարծես դեռես ի վիճակի չլինելով հարմար ձև գտնել, շուռ եկավ և չգիտես ինչու հարձակվեց նախ սևեր հագած և երեխա գրկած աղջկա վրա, այնպես, որ նա նույնիսկ մի քիչ ընկրկեց անսպասելիությունից, բայց անմիջապես նրան թողնելով վրա պրծավ հաջորդ սենյակի շեմքին ցցված տասներեքամյա աղջկանը, որը դեռ շարունակում էր ժպտալ քիչ առաջվա ծիծաղի մնացորդներով։ Սա չդիմացավ բղավոցին և անմիջապես վստաց խոհանոց. Լեբեդևը նույնիսկ ոտները դոփեց նրա հետևից, ավելի խիստ սաստելու համար, բայց հանդիպելով իշխանի հայացքին, որը նայում էր շփոթված, ի բացատրություն ասաց.

— ...Հարգալիրության համար, հի՜֊հի՜֊հի՜։

— Այդ բոլորր իզուր տեղն եք անում...— սկսեց իշխանը։

— Իսկույն, իսկույն, իսկույն... փոթորկի պե՜ս։

Ու Լեբեդևն արագ չքացավ սենյակից։ Իշխանը զարմացած նայեց աղջկան, տղային և բազմոցի վրա պառկածին. նրանք բոլորը ծիծաղում էին։ Իշխանն էլ ծիծաղեց։

— Գնաց ֆրակը հագնելու,— ասաց տղան։

— Ինչ ցավալի է այս ամենը,— սկսեց իշխանը,— իսկ ես կարծում էի... ասացեք, նա...

— Հարբա՞ծ է, կարծում եք,— հնչեց մի ձայն բազմոցից,— ամենևի՜ն։ Այնպես մի երեք-չորս, դե, շատ-շատ հինգ կա, բայց դա ի՛նչ է որ, կա՛րգ է։

Իշխանն ուզեց դիմել բազմոցից հնչող ձայնին, բայց խոսել սկսեց աղջիկը և իր սիրունիկ դեմքի ամենաանկեղծ արտահայտությամբ ասաց.

— Նա առավոտները երբեք շատ չի խմում. եթե դուք նրա մոտ որևէ գործով եք եկել, հենց հիմա ասացեք։ Իսկական ժամանակն է։ Երեկոյան կողմ, երբ վերադառնում է, այն ժամանակ գինով է լինում, այն էլ հիմա ավելի շատ քնելուց առաջ լալիս ու մեզ համար բարձրաձայն կարդում է սուրբ գրքից, որովհետև ընդամենը հինգ շաբաթ է, ինչ մեր մայրիկը մեռել է։

― Նրա փախչելու պատճառն այն էր, որ հավանաբար դժվարացավ ձեզ պատասխան տալ,— ծիծաղեց բազմոցին պառկած երիտասարդը։— Գրազ կգամ, որ նա արդեն ձեզ խաբում է և հենց հիմա է մտմտում, թե ինչպես անի։

― Ընդամենը հինգ շաբա՜թ է։ Ընդամենը հինգ շաբա՜թ է,— վրա բերեց Լեբեդևը, վերադառնալով արդեն ֆրակ հագած, աչքերը թարթելով և գրպանից դուրս քաշելով թաշկինակը, արցունքները սրբելու համար,— ո՜րբ ենք։

― Այդ ինչ է, ամբողջովին ծակծկված դուրս եկաք,— ասաց աղջիկը,— ախր ձեր նոփ-նոր սերթուկը այնտեղ դռան հետևում է, չտեսա՞ք, ինչ է։

— Ձե՛նդ, ճպուռ,— բղավեց նրա վրա Լեբեդևը։— Տես, հա՜,— ոտները դոփելով նրան սաստեց հայրը։ Բայց այս անգամ աղջիկը միայն ծիծաղեց։

— Ի՞նչ եք վախեցնում, ես հո Տանյան չեմ, չեմ փախչի։ Իսկ Լյուբոչկային, իսկապես որ կզարթեցնեք, մեկ էլ տեսար՝ թալալ կկպչի․․․ Ի՞նչ եք բղավում։

— Չէ֊չէ֊չէ՜։ Լեզուդ չորանա, լեզուդ չորանա․․․― հանկարծ սարսափելի վախեցավ Լեբեդևը և նետվելով դեպի դստեր ձեռների վրա քնած երեխան, մի քանի անգամ վախեցած տեսքով խաչակնքեց նրան։— Տեր, պահի՜ր, տեր, պահպանի՜ր։ Սա իմ սեփական ծծկեր երեխան է, Լյուբով՝ աղջիկս,— դարձավ նա իշխանին,— և ծնվել է ամենաօրինական ամուսնությունից, նոր վախճանված կնոջիցս՝ Ելենայից, որը մեռավ ծննդաբերությունից։ Իսկ այս պուճուրիկը աղջիկս է, Վերան, սուգ է պահում... իսկ սա, սա, օ, սա...

— Հը, կա՞պ ընկար,— բղավեց երիտասարդը,— շարունակիր, մի ամաչիր։

— Ձերդ պայծառափայլություն,— ինչ-որ եռանդով հանկարծ բացականչեց Լեբեդևը,— բարեհաճե՞լ եք թերթերում հետևել Ժեմարինների ընտանիքի սպանությանը։

— Կարդացել եմ,— որոշ զարմանքով ասաց իշխանը։

— Դե, ահա սա Ժեմարինների ընտանիքի իսկական սպանողն է, որ կա։

— Ի՜նչ եք ասում,— ասաց իշխանը։

— Այսինքն, այլաբանորեն ասած, ապագա երկրորդ մարդասպանը Ժեմարինների ապագա երկրորդ ընտանիքի, եթե այդպիսին լինի։ Այստեղ է ասված...

Բոլորը ծիծաղեցին։ Իշխանի մտքով անցավ, որ գուցե իսկապես էլ Լեբեդևը միայն նրա համար է կուչուձիգ անում ու ծռմռվում, որ նախազգալով նրա հարցերը, չգիտի, թե ինչպես պատասխանի դրանց, և ժամանակ է շահում։

— Ըմբոստանում է։ Դավադրություններ է սարքում,— բղավում էր Լեբեդևը, կարծես թե արդեն անզոր լինելով ինքն իրեն զսպելու,— դե, կարո՞ղ եմ ես, դե, իրավունք ունե՞մ ես այսպիսի չարալեզվին, այսպիսի, կարելի է ասել, շնացողին ու ճիվաղին հարազատ ազգականս, հանգուցյալ քրոջս՝ Անիսյայի միակ որդին համարել։

— Դե վերջ տուր, հարբած մարդ։ Կհավատա՞ք, իշխան, հիմա նրա խելքին փչել է փաստաբանությամբ զբաղվել, դատարկ հայցերով, սկսել է ճարտասանություն անել և տանը երեխաների հետ շարունակ վերամբարձ ոճով է խոսում։ Հինգ օր առաջ հաշտարար դատավորների առաջ էր խոսում։ Եվ ո՜ւմ էր հանձն առել պաշտպանելու. ո՛չ թե այն պառավին, որը նրան խնդրում-աղաչում էր, և որին սրիկա վաշխառուն կողոպտել էր, յուրացրել էր նրա ամբողջ ունեցածը՝ հինգ հարյուր ռուբլին, այլ հենց այդ վաշխառուին, ինչ-որ ջհուդ Զայդլերի, նրա համար, որ նա հիսուն ռուբլի էր խոստացել սրան..»

— Հիսուն ռուբլի, եթե շահեմ, և միայն հինգ, եթե տանուլ տամ,— բացատրեց հանկարծ Լեբեդևը բոլորովին այլ ձայնով, քան խոսում էր մինչև հիմա, այնպես, կարծես թե բոլորովին չէր բղավել։

— Եվ իհարկե, հիմարություններ դուրս տվեց, հին ժամանակներր չեն հիմա, այնտեղ վրան ծիծաղեցին միայն։ Բայց սա անասելի գոհ մնաց ինքն իրենից. հիշեցեք, ասում է, անաչառ պարոնայք դատավորներ, որ ոտներից զրկված, ազնիվ աշխատանքով ապրող վշտոտ ծերունին զրկվում է հացի վերջին պատառից. հիշեցեք օրենսդրի իմաստուն խոսքերը. «Թող դատարաններում իշխի ողորմածությունը»։ Եվ կհավատա՞ք, ամեն առավոտ նա այստեղ մեզ համար կրկնում է այդ ճառը, ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես այնտեղ էր ասել, այսօր հինգերորդ անգամն է. հենց ձեր գալուց առաջ կարդում էր, այնքան դուր էր եկել նրան. հաճույքից ինքն իրեն լպստում է։ Էլի ինչ֊որ մեկին պատրաստվում է պաշտպանել։ Դուք, կարծեմ, իշխան Միշկի՞նն եք։ Կոլյան ձեր մասին ինձ. ասում էր, որ ձեզանից ավելի խելոքին մինչև հիմա աշխարհում դեռ չի էլ հանդիպել․․․

— Եվ չկա՜։ Եվ չկա՜։ Եվ աշխարհում չկա ավելի խելոքը,— անմիջապես վրա րերեց Լեբեդևը։

— Է, ասենք, սա ստեց։ Մեկը ձեզ սիրում է, իսկ մյուսը քծնում է ձեր առաջ. իսկ ես բոլորովին մտադիր չեմ ձեզ շողոքորթելու. թող դա հայտնի լինի ձեզ։ Չէ որ դուք անմիտ չեք. ահա դատեցեք ինձ ու նրան։ Դե, ուզո՞ւմ ես, ահա իշխանը մեզ կդատի,— դարձավ նա քեռուն։— Ես նույնիսկ ուրախ եմ, իշխան, որ դուք պատահեցիք։

— Ուզո՛ւմ եմ,— վճռական բղավեց Լեբեդևը և ակամա նայեց բազմությանը, որը նորից սկսել էր հավաքվել։

— Ի՞նչ բանի եք այստեղ,— ասաց իշխանը, կնճռոտվելով։

Նրա գլուխն իսկապես ցավում էր, ըստ որում նա ավելի ու ավելի էր համոզվում, որ Լեբեդևը իրեն խաբում է և ուրախ է, որ գործը հետաձգվում է։

— Գործի շարադրանքը։ Ես նրա ազգականն եմ. այդ նա չստեց, թեև շարունակ ստում է։ Ես դասընթացը չեմ ավարտել, բայց ուզում եմ ավարտել և կպնդեմ այդ, որովհետև հաստատակամություն ունեմ։ Իսկ առայժմ, որպեսզի գոյությունս պահպանեմ, քսանհինգ ռուբլիանոց մի պաշտոն եմ ստանձնում երկաթուղում։ Բացի այդ, խոստովանում եմ, որ նա արդեն մի երկու-երեք անգամ ինձ օգնել է։ Ես քսան ռուբլի ունեի և դա տանուլ տվեցի։ Դե, հավատո՞ւմ եք, իշխան, ես այնքան ցածր, այնքան ստոր եմ եղել, որ տանուլ եմ տվել այդ գումարը։

— Մի սրիկայի, մի սրիկայի, որին պետք էլ չէր վճարել,— բղավեց Լեբեդևը։

― Այո, մի սրիկայի, որին, սակայն, պետք էր վճարել,— շարունակեց երիտասարդը։— Իսկ որ նա սրիկա է, դա ես էլ կհաստատեմ, և ոչ միայն նրա համար, որ նա քեղ ծեծել է։ Դա, իշխան, մի խոտանված սպա է, պաշտոնաթող պորուչիկ, նախկին ռոգոժինյան խմբից և բռնցքամարտ է սովորեցնում։ Նրանք բոլորը հիմա թափառում են, ինչպես որ Ռոգոժինը նրանց վռնդել է։ Բայց ամենից վատն այն է, որ նրա մասին ես գիտեի, որ նա սրիկա է, անպիտան ու գող է, և այսուամենայնիվ նրա հետ նստեցի խաղալու, և որ, վերջին ռուբլին խաղի մեջ տարվելով (մենք ձողիկներ էինք խաղում), ինձուինձ մտածում էի. կտարվեմ՝ քեռի Լուկյանի մոտ կգնամ, կխնդրեմ, չի մերժի։ Սա արդեն ստորություն է, այ սա արդեն իսկ որ ստորությո՜ւն է։ Սա արդեն գիտակցված ստորություն է։

— Այ դա՛ արդեն գիտակցված ստորություն է,— կրկնեց Լեբեդևը։

— Դե, մի ուրախանա, դեռ սպասիր,— վիրավորկան բղավեց ազգականը,— ուրախացա՜վ։ Ես եկա նրա մոտ, իշխան, այստեղ և ամեն ինչ խոստովանեցի. ես ազնիվ վարվեցի, ինքս ինձ չխնայեցի, նրա առաջ ինքս ինձ նախատեցի, ինչպես կարող էի. այստեղ բոլորը վկա են։ Երկաթուղուս այդ տեղը գրավելու համար ինձ հարկավոր է մի կերպ հանդերձավորվել, որովհետև ամբողջովին ցնցոտիների մեջ եմ։ Ահա, կոշիկներիս նայեցեք։ Այլապես հնարավոր չէ այնտեղ գնալ, իսկ եթե նշանակված ժամկետին չներկայանամ, տեղը կգրավի ուրիշը, և այն ժամանակ ես նորից հասարակած կընկնեմ և մեկ էլ ե՜րբ տեղ կգտնեմ։ Հիմա ես նրանից խնդրում եմ ընդամենը տասնհինգ ռուբլի և խոստանում եմ, որ այլևս երբեք չեմ խնդրի և, բացի դրանից, առաջին երեք ամսվա ընթացքում նրան կվճարեմ ամբողջ պարտքս, մինչև վերջին կոպեկը։ Ես խոսքս կպահեմ։ Ես կարող եմ ամբողջ ամիսներ հացով ու կվասով անցկացնել, որովհետև հաստատակամ բնավորություն ունեմ։ Երեք ամսվա ընթացքում ես կստանամ յոթանասունհինգ ռուբլի։ Առաջվանն էլ հետը նրան պարտք կլինեմ ընդամենը երեսունհինգ ռուբլի։ Նշանակում է վճարելու հնարավորություն կունենամ։ Դե, ինչպիսի տոկոս ուզում է նշանակի, գրողի ծոցը։ Ինձ չի ճանաչում, ինչ է։ Հարցրեք նրան, իշխան, առաջ, երբ ինձ օգնում էր, վճարո՞ւմ էի, թե ոչ։ Հապա ինչո՞ւ հիմա չի ուզում։ Չարացել է, որ ես այդ պորուչիկին վճարեցի. ուրիշ պատճառ չկա։ Ահա թե ինչպիսի՜ մարդ է սա, ոչ իրեն, ոչ ուրիշներին։

― Եվ չի՜ դնում,— բղավեց Լեբեդևը,— պառկել է այստեղ ու չի դնում։

― Ես այդպես էլ ասացի քեզ։ Դուրս չեմ գա, մինչև չտաս։ Դուք, կարծես, ժպտո՞ւմ եք, իշխան։ Կարծես ինձ անիրավացի՞ եք համարում։

― Ես չեմ ժպտում, բայց իմ կարծիքով դուք իրոք մի քիչ անիրավացի եք,— դժկամ արձագանքեց իշխանը։

— Դե ուղղակի ասացեք, որ բոլորովին անիրավացի եմ, դեսուդեն մի գցեք. էլ ի՜նչ «մի քիչ» է։

— Եթե ուզում եք՝ ապա բոլորովին անիրավացի եք։

— Եթե ուզո՜ւմ եմ։ Ծիծաղելի՜ է։ Մի՞թե կարծում եք, թե ինքս էլ չգիտեմ, որ փափուկ հանգամանք է այսպես վարվելը, որ փողը նրանն է, կամքն էլ նրանն է, իսկ իմ կողմից բռնություն է ստացվում։ Բայց դուք, իշխան... կյանքը չեք ճանաչում։ Նրանց որ չսովորեցնենք, բան դուրս չի դա։ Սրանց պետք է սովորեցնել։ Չէ՞ որ իմ խիղճը մաքուր է․ խղճի մտոք, ես նրան վնաս չեմ պատճառի, ես տոկոսներով կվերադարձնեմ։ Նա բարոյական բավարարություն նույնպես ստացել է. նա տեսել է իմ ստորացումը։ Էլ ի՞նչ է պետք նրան։ Էլ ինչի՞ պետք պիտի գա, առանց օգուտ բերելու։ Ներեցեք, իսկ նա ի՞նքն ինչ է անում։ Հապա մի հարցրեք, թե ուրիշների հետ ինքն ինչպես է վարվում և ինչպես է խաբում մարդկանց։ Նա ինչո՞վ է այս տունը վաստակել։ Դե, գլուխս կտրել կտամ, եթե նա արդեն չի խաբել ձեզ և արդեն չի մտածել, թե էլի ինչպես խաբի այսուհետև։ Դուք ժպտո՞ւմ եք, չե՞ք հավատում։

— Ինձ թվում է, այս ամենը այնքան էլ չի վերաբերում ձեր գործին,― նկատեց իշխանը։

— Ես ահա արդեն երրորդ օրն է այստեղ պառկած եմ և ինչե՜ր տեսա,— բղավում էր երիտասարդն, առանց լսելու,— պատկերացրեք, որ նա ահա այս հրեշտակին, ահա այս աղջկանը, այժմ որբ, իմ զարմուհուն, իր դստերը, կասկածում է, նրա մոտ ամեն գիշեր սիրելի բարեկամներ է որոնում։ Ծածուկ գալիս է այստեղ ինձ մոտ, իմ բազմոցի տակ էլ է որոնում։ Կասկածամտությունից խելքը թոցրել է. ամեն անկյունում գողեր է տեսնում։ Ամբողջ զիջեր րոպեն մեկ տեղից վեր է թռչում, մեկ պատուհաններն է նայում, թե արդյոք լա՞վ են փակված, մեկ դռներն է փորձում, վառարանի մեջ է նայում, և այսպես գիշերվա ընթացքում մի յոթ անգամ։ Դատարանում սրիկաների կողմն է պահում, իսկ ինքը գիշերը մի երեք անգամ վեր է կենում աղոթքի, ահա այստեղ, դահլիճում, ծնկաչոք, կես ժամ ճակատը հատակին է խփում, և ում համար չի աղոթում, ինչ ողբ ու կոծ ասես չի բարձրացնում հարբած վիճակում։ Կոմսուհի Դյուբարրիի հոգու համար էր աղոթում, ես իմ ականջովս եմ լսել. Կոլյան էլ է լսել, բոլորովին խելքը թռցրել է։

— Տեսնո՞ւմ եք, լսո՞ւմ եք։ թե ինչպես է ինձ խայտառակում, իշխան,― կարմրելով և իսկապես համբերությունը կորցնելով, բղավեց Լեբեդևը։― Բայց չգիտի՞ որ գուցե ես՝ հարբեցողս ու անառակս, կողոպտիչս ու չարագործս, հենց միայն նրա համար արժանավոր եմ, որ ահա այս ծաղր անողին դեռ մանուկ հասակում խանձարուրների մեջ էի պարուրում, և տաշտի մեջ լողացնում էի, և աղքատ, այրիացած քրոջս, Անիսյայի մոտ, ես, նույնպես աղքատ, անքուն գիշերներ էի լուսացնում, նրանց՝ երկու հիվանդին էի խնամում, ցածում դռնապանից փայտ էի գողանում, սրան երգեր էի երգում, մատներս էի շրխկացնում, քաղցած փորով, և ահա դայակություն անելով մեծացրի, իսկ հիմա նա ինձ վրա ծիծա ղում է։ Եվ քո ի՞նչ գործն է, եթե իսկապես էլ կոմսուհի Դյուբարրիի հանգստյան համար ես երբևէ մի անգամ ճակատիս խաչ եմ հանել։ Ես, իշխան, չորս օր առաջ, կյանքումս առաջին անգամ բառարան կարդացի։ Գիտե՞ս արդյոք, թե ինչ բան էր նա, Դյուբարրին։ Ասա, գիտե՞ս, թե ոչ։

— Ըհը՛, մենակ դու ես, որ գիտես,— ծաղրաբար, բայց դժկամ մրթմրթաց երիտասարդը։

— Դա այնպիսի կոմսուհի էր, որը, խայտառակությունից դուրս գալով, թագուհու փոխարեն կառավարում էր և որին մի մեծ կայսրուհի իր սեփական ձեռքով գրած նամակում «ma cousine» էր գրել։ Կարդինալը, պապի նվիրակը, լվե-դյու֊ռուայի[20] Ժամանակ (գիտե՞ս, թե ինչ բան էր լվե-դյու-ռուան), հանձն առավ նրա մերկ տոտիկներին անձամթ ինքը հագցնել մետարսե պուլպաները, և այն էլ պատիվ համարե-քով, ահա այդւդիսի թարձր ու սրբազան անձնավորությո՜ւնը։ Գա. էքիտե ս այդ։ Երեսիցդ տեսնում եմ, որ չդիտես։ !հե, նա ինչպե ս մեռավ։ Պատասխանիր, եթե դիտես։

— Կորի՛։ Կպել է, պոկ չի գալիս։

— Նա այնպես մեռավ, որ այդպիսի պատվից հետո, այդպիսի նախկին տիրակալուհուն, կառափնարան քարշ տվեց դահիճ Սամսոնը, անմեղ տեղը, ի հաճույս փարիզյան պուասարդուհիների[21], իսկ նա վախից նույնիսկ չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ։ Տեսնում է, որ դահիճը իր վզից բռնած թեքում է դանակի տակ և հարվածներով մոտ է քաշում (իսկ պուասարդուհիները ծիծաղում են), սկսում է բղավել. «Encore սո moment, monsieur le bourreau, encore un moment!» Որը նշանակում է. «Եվս մի րոպե հետաձգեցեք, պարոն բուրրո[22], ընդամենը մեկ րոպե»։ Եվ ահա, գուցե հենց այդ րոպեին աստված նրան կների, որովհետև այդպիսի միզերից այն կողմ մարդկային հոգին պատկերացնել չի կարելի։ Գիտե՞ս արդյոք, թե ինչ է նշանակում միզեր բառը։ Դե ահա, հենց միզեր է, որ կա։ Մի րոպեի մասին կոմսուհու այդ ճիչից, հենց որ կարդացի, կարծես թե սիրտս աքցանով ճզմեցին։ Եվ քո ի՞նչ գործն է, ճիճու, որ ես գիշերը պառկելով քնելու, աղոթքի ժամանակ մտածեցի հիշել նրան՝ մեծ մեղապարտուհուն։ Գուցե հենց նրա համար հիշեցի, որ աշխարհի սկզբից ի վեր, հավանաբար, նրա համար ոչ ոք երբեք ճակատը չի խաչակնքել և դրա մասին չի էլ մտածել։ Ահա, նրան հաճելի կլինի այն աշխարհում զգալ, որ գտնվել է նրա նման մի մեղապարտ, որը նրա համար գեթ մի անգամ աղոթել է երկրի երեսին։ Ի՞նչ ես ծիծաղում։ Չե՞ս հավատում, աթեիստ։ Իսկ դու որտեղի՞ց դիտես։ Բայց այն էլ սուտ ասացիր, եթե ծածուկ ականջ ես դրել ինձ, ես ոչ թե ուղղակի միայն կոմսուհի Դյուբարրիի համար էի աղոթում. ես այսպես էի կոծում. «Հանգստացրու, տեր, կոմսուհի Դյուբարրիի և բոլոր նրա նմանների հոգին», իսկ սա արդեն բոլորովին այլ բան է, որովհետև շատ կան այդպիսի մեծ մեղապարտուհիներ և ճակատագրի փոփոխության օրինակներ, և տառապյալներ, որոնք հիմա այնտեղ իրարանցման մեջ են, և հառաչում են, և սպասում. ես քեզ համար էլ, ինչպես դու ես, քեզ նման լպիրշների ու վիրավորիչների համար էլ հենց այն ժամանակ աղոթում էի, եթե որոշել էիր ականջ դնել, թե ինչպես եմ աղոթում...

— Դե, հերիք է, բավական է, ում համար ուզում ես, աղոթիր, սատանան քեզ հետ, ձենը գլուխը գցեց,— բարկացած ընդհատեց ազգականը։— Ախր նա խիստ կարդացած է, չգիտեի՞ք, իշխան,— ավելացրեց նա մի տեսակ ամաչկոտ ծաղրով,— հիմա շարունակ ահա այդպիսի զանազան գրքույկներ և մեմուարներ է կարդում։

— Ձեր քեռին համենայն դեպս... անսիրտ մարդ չէ,— դժկամությամբ նկատեց իշխանը։ Նրա համար այդ երիտասարդը չափազանց անհաճո էր դառնում։

— Նրան այդպես գովաբանելով, հավատա, կփչացնեք։ Տեսնո՞ւմ եք, նա արդեն ձեռքն էլ սրտին է դրել, բերանն էլ ծռել է, իսկույն համի ընկավ։ Նա թերևս անսիրտ չի, բայց խաբեբա է, այս է դժբախտությունը, ըստ որում նաև հարբեցող է, ամբողջովին քայքայվել է, ինչպես և մի քանի տարի շարունակ հարբող ամեն ոք, դրա համար էլ նրա ամեն ինչը ճռճռում է։ Երեխաներին, ասենք, նա սիրում է, հանգուցյալ քեռակնոջս հարգում էր... նույնիսկ ինձ սիրում է և ախր, աստված վկա, կտակի մեջ ինձ մաս է թողել...

— Ո-ո՛չինչ չեմ թողնի,— դաժանացած բղավեց Լեբեդևը։

— Լսեցեք, Լեբեդև,— հաստատ ասաց իշխանը, երեսը շրջելով երիտասարդից,— ախր ես փորձով գիտեմ, որ դուք գործնական մարդ եք, երբ ուզում եք... Ես հիմա շատ քիչ ժամանակ ունեմ և եթե դուք... ներեցեք, ինչպե՞ս է ձեր անուն-հայրանունը, մոռացել եմ։

— Տի֊Տի֊Տիմոֆեյ։

― Ե՞վ։

— Լուկյանովիչ։

Բոլոր սենյակում գտնվողները նորից ծիծաղեցին։

— Խաբե՜ց,— ճչաց ազգականը,— այստեղ էլ խաբեց։ Նրա անունը, իշխան, բոլորովին էլ Տիմոֆեյ Լուկյանովիչ չէ, այլ Լուկիան Տիմոֆեևիչ է։ Դե, ասա, ինչո՞ւ խաբեցիր։ Դե, քեզ համար մեկ չի՞, Լուկյան է, թե Տիմոֆեյ և դա իշխանի ի՛նչ գործն է։ Ախր միայն սովորությունից է խաբում, հավատացնում եմ ծեզ։

— Մի՞թե ճիշտ է,— անհամբեր հարցրեց իշխանը։

— Լուկյան Տիմոֆեևիչ է, իրոք,— համաձայնեց ու շփոթվեց Լեբեդևը, խոնարհաբար գլուխը կախելով և նորից ձեռքը սրտին դնելով։

— Բայց ինչո՞ւ եք այդ անում, ախ, աստված իմ։

— Ինքնանվաստացումից,— շշնջաց Լեբեդևը։ առավել ևս խոնարհ կախեքով գլուխը։

— Էխ, այստեղ ի՞նչ ինքնանվաստացում կա։ Եթե միայն իմանայի, թե հիմա որտեղ գտնեմ Կոլյային,― ասաց իշխանը և շուռ եկավ, որ գնա։

— Ես ձեզ կասեմ, թե որտեղ է Կոլյան,― նորից հանձն առավ երիտասարդը։

— 9է~չէ֊չէ'»— վրա պրծավ և շնչակտուր իրար անցավI Լեբեդևը։

— Կոլյան այստեղ էր գիշերել, բայց առավոտյան գնաց իր գեներալին որոնելու, որին դուք, իշխան, աստված գիտի, թե ինչու փրկագնեցիք «բաժանմունքից»։ Գեներալը դեռ երեկ խոստացավ շնորհ բերել այստեղ գիշերելու, բայց շնորհ չարեց։ Ամենից հավանականն այն է, որ գիշերել է այստեղից ոչ հեռու «Վեսի» հյուրանոցում։ Նշանակում է, Կոլյան այնտեղ է կամ Պավլովսկում, Եպանչինների տանը։ Նրա մոտ փող կար, նա դեռ երեկ էր ուզում գնալ։ Այսպես, ուրեմն, «Վեսիում» կամ Պավլովսկում։

— Պավլովսկում է, Պավչովսկո՜ւմ... իսկ մենք այստեղ, այգին գնանք և... սուրճ...

Եվ Լեբեդևը իշխանի ձեռքից բռնած քարշ տվեց։ Նրանք դուրս եկան սենյակից, փոքբիկ բակը կտրեցին ու դռնակով ներս մտան։ Այդտեղ, իրոք, մի շատ փոքրիկ և շատ սիրունիկ այգի կար, որտեղ շնորհիվ լավ եղանակի արդեն բոլոր ծառերը փթթել էին։ Լեբեդևը իշխանին նստեցրեց կանաչ փայտե նստարանին, ոտները հողի մեջ թաղած կանաչ սեղանի առաջ և ինքը տեղավորվեց նրա դիմաց։ Մի րոպե անց իրոք հայտնվեց նաև սուրճը։ Իշխանը չհրաժարվեց։ Լեբեդևը քմծիծաղով ու ագահաբար շարունակում էր նայել նրա աչքերի մեջ։

— Ես չգիտեի, որ այսպիսի տնտեսություն ունեք,— ասաց իշխանը, բոլորովին ուրիշ բանի մասին մտածող մարդու տեսքով։

— Ո-ո՜րբ ենք,— կուչ ու ձիգ անելով սկսեց Լեբեդևը, բայց կանգ առավ, իշխանը մտացրիվ նայում էր իր առաջ և, իհարկե, արդեն մոռացել էր իր հարցը։ Անցավ ևս մեկ րոպեի չափ, Լեբեդևը հետամտում և սպասում էր։

— Դե ի՛նչ,— ասաց իշխանը կարծես սթափվելռվ,— ախ հա՜։ Չէ՞ որ ինքներդ գիտեք, թե որն է մեր գործը։ Ես եկել եմ ձեր իսկ նամակով։ Ասացեք։

Լեբեդևը շփոթվեց, ուզում էր մի բան ասել, բայց միայն կակազեց. ոչինչ չարտասանեց։ Իշխանը սպասեց ու տխուր ժպտաց։

— Թվում է, ես շատ լավ եմ հասկանում ձեզ, Լուկյան Տիմոֆեևիչ. հավանաբար, դուք ինձ չէիք սպասում։ Կարծում էիք, թե ես իմ խուլ վայրից վեր չեմ կենա ձեր առաջին հաղորդումով, և գրել էիք ձեր խիղճը մաքրելու համար։ Բայց ես ահա եկա։ Դե, հերիք է, մի խաբեք։ Հերիք է ծառայեք երկու տիրոջ։ Ռոգոժինն արդեն երեք շաբաթ է, ինչ այստեղ է, ես ամեն ինչ գիտեմ։ Արդեն հասցրե՞լ եք նրան՝ Ռոգոժինին ծախել, ինչպես այն անգամ, թե՞ ոչ։ Ուղիղն ասացեք։

— Ճիվաղն ինքը իմացավ, ինքը։

— Մի հայհոյեք նրան. նա, իհարկե, ձեզ հետ վատ վարվեց...

— Ծեծեց, ծեծե՜ց,— սաստիկ տաք-տաք վրա բերեց Լեբեդևը,— և Մոսկվայում շնով էլ հալածեց, ամբողջ փողոցով մեկ, քերծե շնով։ Սարսափելի շուն։

— Դուք ինձ փոքրիկի տեղ եք դնում, Լեբեդև։ Ասացեք, նա լրջորե՞ն թողել է Ռոգոժինին հիմա, Մոսկվայում։

— Լրջորեն, լրջորեն, նորից հենց պսակադրության ժամանակ։ Ռոգոժինն արդեն րոպեներ էր հաշվում, իսկ նա այստեղ Պետերբուրգ և ուղղակի ինձ մոտ է գալիս․ «Փրկիր, պահիր, Լուկյան, և իշխանին մի ասա․․․»։ Նա ձեզնից, իշխան, ավելի է վախենում, քան Ռոգոժինից, և այստեղ շատ խորիմաստ բան կա։

Եվ Լեբեդևը խորամանկորեն մատը ճակատին դրեց։

— Իսկ հիմա դուք նրանց նորի՞ց հանդիպեցրիք։

— Ամենապայծառափայլ իշխան, ինչպե՞ս կարող էի․․․ Ինչպե՞ս կարող էի թույլ չտալ։

— Դե, բավական է, ես ինքս կիմանամ ամեն ինչ։ Ասացեք միայն, որտե՞ղ է հիմա նա։ Ռոգոժինի մո՞տ։

— Օ, ո՜չ։ Չէ֊չէ՜։ Դեռ ինքն իր համար է։ Ես, ասում է, ազատ եմ, և գիտե՞ք, իշխան, ամուր կանգնած է այդ տեսակետի վրա, ես, ասում է, դեռ բոլորովին ազատ եմ։ Դեռևս Պետերբուրգյանում է, իմ քենու տանն է ապրում, ինչպես գրել էի ձեզ;

— Հիմա՞ էլ այնտեղ է։

— Այնտեղ է, եթե ոչ Պավլովսկում, լավ եղանակի շնորհիվ, Դարյ ա Ալեքսեևնայի ամառանոցում։ Ես, ասում է, բոլորովին ազա՞տ եմ, դեռ երեկ Նիկոլայ Արդալիոնովիչին իր ազատության մասին շատ պարծեցել էր։ Վա՜տ նշան է։

Եվ Լեբեդևը լայն ժպտաց, ատամները ցույց տալով։

— Կոլյան հաճա՞խ է լինում նրա մոտ։

— Թեթևամիտ է ու անհասկանալի և գաղտնապահ չէ։

— Վաղո՞ւց եք եղել այնտեղ։

— Ամեն օր, ամեն օր։

— Նշանակում է երեկ էլ։

— Ո֊ոչ. չորս օր առաջ։

— Ինչ ցավալի է, որ մի քիչ խմել եք, Լեբեդև։ Թե չէ ձեզ կհարցնեի։

— Չէ-չէ֊չէ՜, բոլորովին հարբած չեմ։

Լեբեդևն ուղղակի ականջները սրեց։

— Ասացեք ինձ, ի՞նչ վիճակում թողիք նրան։

— Ո֊որոնումների մեջ է․․․

— Որոնումների՞։

— Կարծես շարունակ մի բան է որոնում, կարծես մի բան է կորցրել։ Իսկ առաջիկա ամուսնության նույնիսկ միտքը զզվելի է դարձել և վիրավորական է համարում։ Իսկ նրա մասին մտածում է ինչքան կմտածեր կերած նարնջի կեղևի մասին, ոչ ավելի, այսինքն՝ և ավելի, վախով ու սարսափով, նույնիսկ խոսելն արգելում է, իսկ հանդիպում են միայն ու միայն անհրաժեշտության դեպքում․․․ և Ռոգոժինը դա շատ լավ զգում է։ Բայց անխուսափելի՜ է... Անհանգիստ է, ծաղրող, երկլեզու, հարձակվող...

— Երկլեզու և հարձակվո՞ղ։

— Հարձակվող է. որովհետև անցյալ անգամ մի խոսակցության համար քիչ մնաց մազերս փետեր։ Հայտնության խոսքերով սկսեցի նախատել։

— Ինչպե՞ս թե,— հարցրեց իշխանը, կարծելով, թե սխալ է լսել։

— Հայտնության գիրքը կարդալով։ Անհանգիստ երևակայության տեր տիկին է, հի՛֊հի՜։ Ընդսմին դիտել եմ, որ դեպի լուրջ, թեպետև կողմնակի, թեմաների չափազանց հակված է։ Սիրում է, սիրում և նույնիսկ ընդունում է որպես առանձնահատուկ հարգանք դեպի ինքը։ Այո֊ո։ Իսկ ես հայտնության մեկնաբանության հարցում ուժեղ եմ և տասնհինգերորդ տարին է, ինչ մեկնաբանում եմ։ Հետս համաձայնեց, որ մենք գտնվում ենք երրորդ, սևաթույր նժույգի և իր ձեռքին չափ բռնած հեծյալի ժամանակաշրջանում, քանի որ ներկա դարում ամեն ինչ չափսով ու պայմանագրով է, և բոլոր մարդիկ միայն իրենց իրավունքներն են որոնում․ «Մի չափ ցորենը մի դինարով և երեք չափ գարին մի դինարով․․․» և դեռ դրանով հանդերձ ուզում են ազատ ոգի և սիրտ մաքուր, և առողջ մարմին, և բոլոր պարգևներն աստծո պահպանել։ Բայց լոկ իրավունքով չեն պահպանի, և դրան կհետևի դալուկ նժույգը և նա, որի անունը Մահ է, իսկ դրա հետև արդեն դժոխքն է... Հանդիպելիս հենց դրա մասին ենք խոսում և խիստ ներգործեց։

— Դուք ինքնե՞րդ այդպես հավատում եք,— հարցրեց իշխանը, տարօրինակ հայացքով զննելով Լեբեդևին։

— Հավատում եմ և մեկնաբանում։ Զի աղքատ եմ ու մերկ և հյուլե եմ մարդկանց հորձանքի մեջ։ Եվ ո՞վ կհարգի Լեբեդևին։ Ամեն մեկը ծաղրում է նրան, և ամեն մեկը քիչ է մնում քացիով ճամփու դնի նրան։ Իսկ այստեղ, սույն մեկնաբանութ յան մեջ ես հավասար եմ մեծատոհմիկ մարդու։ Զի խելք ունեմ։ Եվ մեծատոհմիկն էլ է գողացել ինձնից... Իր բազկաթոռին նստած, խելքով ընկալելով։ Նորին բարձր գերազանցությունը, Նիլ Ալեքսեևիչը, երեք տարի առաջ, զատկի տոների նախօրեին, իմացել էր, երբ ես դեռ աշխատում էի նրա դեպարտամենտում, և Պյոտր Զախարիչի միջոցով հերթապահ սենյակից հատկապես պահանջել էր ինձ իր կաբինետը և առանձին հարցրեց. «Ճի՞շտ է, որ նեռի պրոֆեսոր ես»։ Եվ չթաքցրի. «Ես եմ»,— ասում եմ, շարադրեցի, և ներկայացրի, և սարսափը չմեղմացրի, այլ դեռ մտովի արձակելով այլաբանական թղթագալարը, սաստկացրի և թվերն ամփոփեցի։ Եվ քմծիծաղ տվեց, բայց թվերի ու նմանությունների վրա սկսեց դողալ, և խնդրեց, որ գիրքը ծածկեմ ու գնամ, և զատկական տոների առթիվ ինձ պարգևատրում նշանակեց, իսկ զատկի առաջին շաբաթը հոգին ավանդեց։

— Ի՞նչ եք ասում, Լեբեդև։

— Այդպես է որ կա։ Սայլակից էր ընկել ճաշից հետո․․․ քունքը խփել էր քարին, մանկիկի պես, մանկիկի պես, տեղնուտեղը շունչը փչել։ Ըստ ծառայության ցուցակի յոթանասուներեք տարեկան էր, կարմրաթշիկ, ալևորիկ, ամբողջովին օծանելիքով ցողված, և միշտ ժպտում էր, միշտ ժպտում էր, ասես մանկիկ։ Հիշեց այն ժամանակ Պյոտր Զախարիչը․ «Այդ դու կանխագուշակեցիր»,― ասում է։

Իշխանը պատրաստվեց վեր կենալ։ Լեբեդևը զարմացավ և նույնպես շփոթված էր, որ իշխանն արդեն վեր է կենում։

— Շատ անտարբեր եք դարձել, հի՛-հի՛,― քծնանքով համարձակվեց նկատել նա։

— Ճշմարիտ, ես ինձ այնքան էլ առողջ չեմ զգում, գլուխս ծանր է, ճանապարհից է, թե ինչից,— պատասխանեց իշխանը խոժոռվելով։

— Ամառանոց գնացեք,― երկչոտ ամփոփեց Լեբեդևը։

Իշխանը կանգնել էր մտասույզ։

— Ես ինքս էլ, ահա, մի երեք օրից տուն-տնովի ամառանոց կգնամ, որպեսզի և նորածին թռչնակիս պահպանեմ, և այդ ընթացքում այս տնակը կարգի բերեմ։ Եվ նույնպես Պավլովսկ։

— Դո՞ւք էլ Պավլովսկ,— հարցրեց հանկարծ իշխանը։— Սա ի՞նչ բան է, այստեղ բոլո՞րը Պավլովսկ են գնում, թե ինչ։ Ասում եք, դո՞ւք էլ այնտեղ ձեր ամառանոցն ունեք։

— Բոլորը չեն գնում Պավլովսկ։ Իսկ ինձ Իվան Պետրովիչ Պտիցինը զիջեց էժան ձեռք բերած ամառանոցներից մեկը։ Եվ լավ է, և բարձր, և կանաչ, և էժան, և բոնտոնային, և երաժշտական, ահա դրա համար էլ բոլորը Պավլովսկ են գնում։ Ես, ի դեպ, կցաշենքում եմ, իսկ իսկական ամառանոցը...

— Վարձո՞վ եք տվել։

— Ո֊ոչ։ Ոչ․․․ բոլորովին։

— Ինձ տվեք,— հանկարծ առաջարկեց իշխանը։

Կարծես Լեբեդևի ուզածն էլ հենց այդ էր։ Այդ միտքը երեք րոպե առաջ անցավ նրա գլխով։ Այնինչ նա արդեն կենվորի կարիք չէր զգում, նա արդեն ուներ ամառանոց վարձող, որը ինքն էր տեղեկացրել, որ, գուցե, ամառանոցը կզբաղեցնի։ Բայց Լեբեդևը հաստատ գիտեր, որ ոչ թե «գուցե», այլ կզբաղեցնի։ Բայց հիմա հանկարծ նրա գլխով անցավ իր հաշվով մի շատ շահավետ միտք՝ ամառանոցը տալ իշխանին, օգտվելով այն հանգամանքից, որ նախորդ վարձակալը անորոշ է արտահայտվել։ «Մի ամբողջ ընդհարում և գործի ամբողջ նոր ընթացք» ներկայացավ հանկարծ նրա երևակայությանը։ Իշխանի առաջարկությունը նա ընդունեց համարյա հիացմունքով, այնպես որ ի պատասխան գնի մասին տված նրա ուղղակի հարցին, Լեբեդևը նույնիսկ ձեռքերը թափահարեց։

— Դե ինչպես կամենաք. ես կտեղեկանամ, վնաս չեք կրի։

Նրանք երկուսն էլ արդեն դուրս էին գալիս այգուց։

— Իսկ ես ձեզ․․․ ես ձեզ․․․ եթե ուզենայիք, ես ձեզ, մեծարգո իշխան, կարող էի որոշ, շատ հետաքրքիր բաներ հայտնել, նույն նյութին վերաբերող,— մրթմրթաց Լեբեդևը՝ ուրախությունից գալարվելով իշխանի կողքին։

Իշխանը կանգ աոավ։

— Դարյա Ալեքսեևնան էլ Պավկովսկում ամառանոց ունի։

— Հետո՞։

— Իսկ հայտնի անձնավորությունը նրան բարեկամուհի է և մտադիր է հաճախակի այցելել նրան Պավլովսկում։ Նպատակով։

— Հետո՞։

— Ագլայա Իվանովնան...

— Ախ, բավական է, Լեբեդև,— ինչ-որ տհաճ զգացողությամբ նրա խոսքը կտրեց իշխանը, ասես կպել էին նրա հիվանդ տեղին։— Այդ ամենը այդպես չէ։ Ավելի լավ է, ասացեք, ե՞րբ եք փոխադրվում։ Որրան շուտ, ինձ համար այնքան լավ, որովհետև ես հյուրանոցում եմ...

Զրուցելով, նրանք դուրս եկան այգուց և, առանց սենյակները մտնելու, բակն անցան ու մոտեցան դռնակին։

— Դրանից լավ ի՞նչ կարող է լինել,— մտածեց վերջապես Լեբեդևը,— փոխադրվեցեք ինձ մոտ ուղղակի հյուրանոցից, հենց այսօր, իսկ վաղը չէ մյուս օրը բոլորս միասին կգնանք Պավլովսկ։

— Տեսնենք,― ասաց իշխանը մտախոհ և դուրս եկավ դարպասից։

Լեբեդևը նայեց նրա հետևից։ Նրան զարմացրեց իշխանի հանկարծակի ցրվածությունը։ Դուրս գալիս նա մոռացավ նույնիսկ «մնաք բարով» ասել, նույնիսկ գլուխ չտվեց, որը անհամատեղելի էր իշխանի՝ Լեբեդևին հայտնի քաղաքավարության և ուշադրության հետ։

III

Արդեն ժամը տասներկուսն էր լինում։ Իշխանը գիտեր, որ Եպանչինների տանը քաղաքում նա հիմա կարող էր գտնել միայն գեներալին, պաշտոնի բերումով, այն էլ հազիվ թե։ Նրա մտքովն անցավ, որ, ով գիտի, գեներալը նրան կվերցնի ու անմիջապես հետը կտանի Պավլովսկ, իսկ ինքը մինչ այդ շատ էր ուզում մի այցելություն անել։ Եպանչինների տուն գնալն ուշացնելու և Պավլովսկ մեկնելը վաղվան հետաձգելու վտանգին ենթարկելով, իշխանը վճռեց գնալ որոնելու այն տունը, ուր նա այնպես ուզում էր մտնել։

Ի դեպ, այդ այցելությունը նրա համար որոշ իմաստով վտանգավոր էր։ Նա դժվարանում ու տատանվում էր։ Նա այդ տան մասին գիտեր, որ Դորոխովայա փողոցում է, Սադովայա փողոցից ոչ հեռու, և որոշեց գնալ այնտեղ, հուսալով, որ տեղ հասնելով, ժամանակ կունենա վերջապես վճռելու։

Մոտենալով Դորոխովայա և Սադովայա փողոցների խաչմերուկին, նա ինքն էլ զարմացավ իր արտասովոր հուզմունքին. նա չէր էլ սպասում, որ այդպես ցավագին կբաբախեր իր սիրտը։ Մի տուն, հավանաբար իր առանձնահատուկ կերպարանքով, դեռ հետևից սկսեց գրավել նրա ուշադրությունը, և իշխանը հետո հիշում էր, որ ինքն իրեն ասաց. «Սա հավանաբար հենց այն տունն է»։ Արտասովոր հետաքրքրությամբ նա մոտենում էր ստուգելու իր կռահումը. նա զգում էր, որ չգիտես ինչու իրեն առանձնապես տհաճ կլինի, եթե ճիշտ է կռահել։ Այդ տունը մեծ էր, մռայլ, եռահարկ, առանց որևէ ճարտարապետության, կեղտոտ կանաչագույն։ Պետերբուրգում (որտեղ ամեն ինչ այնպես արագ է փոխվում), անցյալ դարի վերջին կառուցված այդ կարգի մի քանի, ի դեպ շատ փոքրաթիվ, տներ են կանգուն մնացել հենց այդ փողոցներում, գրեթե անփոփոխ։ Դրանք կառուցված են դիմացկուն, հաստ պատերով և չափազանց սակավաթիվ լուսամուտներով. ցածի հարկում լուսամուտները երբեմն վանդակապատ են։ Մեծ մասամբ ներքևում դրամափոխական կրպակ է։ Կրպակում նստող ներքինին բնակարան է վարձում վերևում։ Եվ արտաքուստ, և ներքուստ մի տեսակ անհյուրընկալ ու չոր է, կարծես ամեն ինչ թաքնվում է ու պահվում, իսկ թե ինչու լոկ տան կերպարանքից այդպես է թվում՝ դժվար կլիներ բացատրել։ Գծերի ճարտարապետական զուգորդություններն, իհարկե, իրենց գաղտնիքն ունեն։ Այդ տներում ապրում են գրեթե բացառապես միայն առևտրական մարդիկ։ Դարպասին մոտենալով և նայելով մակագրությանը, իշխանը կարդաց. «Տոհմական պատվավոր քաղաքացի Ռոգոժինի տունը»։

Վերջ տալով տատանմանը, նա բացեց ապակյա դուռը, որը աղմուկով փակվեց նրա հետևից, և սկսեց շքասանդուղքով բարձրանալ երկրորդ հարկ։ Սանդուղքը խավար էր, քարե, կոպիտ շինված, իսկ նրա պատերը ներկած էին կարմիր ներկով։ Նա գիտեր, որ Ռոգոժինը մոր և եղբոր հետ զբաղեցնում է այդ տխուր տան ամբողջ երկրորդ հարկը։ Իշխանի առաջ դուռը բացող սպասավորը նրան առաջնորդեց առանց զեկուցելու և տանում էր երկար. նրանք անցան և մի շքասրահով, որի պատերը «մարմարանման» էին, կաղնեփայտի պարկետով և քսանական թվականների կոպիտ ու ծանր կահ-կարասիով, անցան նաև ինչ-որ մանրիկ խցիկներով, մի քանի ոլորապտույտներ արեցին, բարձրացան երկու-երեք աստիճան և նույնքան էլ ցած իջան ու, վերջապես, մի դուռ բախեցին։ Դուռը բացեց Պարֆեն Սեմյոնիչն ինքը, իշխանին տեսնելով, նա այն աստիճան գունատվեց ու տեղում քարացավ, որ որոշ ժամանակ նման էր քարե արձանի, անշարժ ու վախեցած հայացքով նայում էր, բերանը ծամածռելով մի վերին աստիճանի տարակուսած ժպիտից, ասես Իշխանի այցելության մեջ տեսնում էր ինչ-որ անհնարին և համարյա հրաշապատում բան։ Իշխանը թեև սպասում էր դրա նման մի բանի, բայց նույնիսկ զարմացավ։

— Պարֆեն, գուցե ես անժամանակ եկա, ուզես՝ կգնամ,― վերջապես ասաց նա շփոթված։

— Ժամանակի՜ն է։ Ժամանակի՜ն,— ուշքի եկավ, վերջապես, Պարֆենը։— Շնորհ արա, մտիր։

Նրանք իրար դու էին ասում։ Մոսկվայում հանդիպում էին հաճախակի ու երկար, նրանց հանդիպումներում եղել էին նույնիսկ մի քանի ակնթարթ, որոնք չափազանց խոր էին տպավորվել միմյանց սրտում։ Իսկ հիմա մոտ երեք ամիս չէին հանդիպել։

Դալկությունն ու կարծես մի տեսակ մանրիկ դողը դեռ չէր անցնում Ռոգոժինի երեսից, նա թեև հրացրեց հյուրին, բայց անասելի շփոթությունը դեռևս շարունակվում էր։ Մինչ նա իշխանին մոտեցնում էր բազկաթոռին և նստեցնում սեղանի մոտ, վերջինս պատահաբար շրջվեց դեպի Պարֆենը և կանգ առավ նրա չափազանց տարօրինակ ու ծանր հայացքի ազդեցության ներքո։ Մի բան նրա միտքը եկավ՝ նորերս պատահած, ծանր, մռայլ։ Առանց նստելու և անշարժ կանգնած, նա միառժամանակ նայում էր ուղիղ Ռոգոժինի աչքերին. նրանք կարծես առաջին վայրկյանին ավելի ուժեղ փայլատակեցին։ Վերջապես Ռոգոժինը քմծիծաղ տվեց, բայց փոքր֊ինչ շփոթվելով և կարծես գլուխը կորցրած.

― Ի՞նչ ես նայում այդպես ակնապիշ,— մրթմրթաց նա,— նստիր։

Իշխանը նստեց։

― Պարֆեն,― ասաց նա,— ուղիղն ասա ինձ, դու գիտեի՞ր, որ ես այսօր Պետերբուրգ եմ գալիս, թե՞ ոչ։

— Որ դու կգաս, այդպես էլ կարծում էի, և տեսնո՞ւմ ես, չսխալվեցի,— ավելացրեց նա խայթիչ ծաղրով,— Բայց որտեղի՞ց գիտեի, որ այսօր կգաս։

Պատասխանի մեջ պարունակված հարցի որոշ կոպիտ պոռթկունությունն ու գրգռվածությունը ավելի ևս զարմացրեց իշխանին։

— Թեկուզև իմանայիր, որ այսօր, բայց ի՞նչ կարիք կա այդպես գրգռվելու,— կամացուկ հարցրեց իշխանը շփոթված։

— Բայց հարցիդ պատճառն ի՞նչ է։

— Այն ժամանակ, վագոնից դուրս գալիս, ես տեսա մի զույգ ճիշտ և ճիշտ այդպիսի աչքեր, ինչպիսի աչքերով հիմա դու նայեցիր ինձ հետևիցս։

— Մի տե՜ս, իսկ ո՞ւմ աչքերն էին դրանք,— կասկածամտորեն մրթմրթաց Ռոգոժինը։ Իշխանին թվաց, թե նա ցնցվեց։

― Չգիտեմ, ամբոխի մեջ էր, ինձ նույնիսկ թվում է, թե աչքիս երևաց։ Ես, Պարֆեն եղբայր, ինձ զգում եմ համարյա այնպես, ինչպես ինձ հետ պատահում էր հինգ տարի առաջ, երբ նոպաներս բռնում էին։

— Ինչ կա որ, գուցե և աչքիդ է երևացել. ես չգիտեմ,— մրթմրթում էր Պարֆենը։

Նրա դեմքի սիրալիր ժպիտը այդ րոպեին բոլորովին չէր սազում նրան, ասես այդ ժպիտի մեջ մի բան կոտրվել էր, և կարծես Պարֆենը ոչ մի կերպ չէր կարող կպցնել, որքան էլ ջանում էր։

— Ուրեմն, նորի՞ց արտասահման, ինչ է,― հարցրեց նա և ավելացրեց.— իսկ հիշո՞ւմ ես, աշնանը ինչպես էինք Պսկովից գալիս վագոնով, ես այստեղ, իսկ դու... պլաշչով էիր, հիշո՞ւմ ես, շտիբլետներդ էլ։

Եվ Ռոգոժինը հանկարծ ծիծաղեց, այս անգամ մի տեսակ անսքող չարությամբ և կարծես ուրախանալով, որ հաջողվեց գոնե որևէ բանով արտահայտել այդ չարությունը։

— Դու այստեղ վերջնակա՞ն ես հաստատվել,— հարցրեց իշխանը, առանձնասենյակը զննելով։

— Այո, ես իմ տանն եմ, հապա էլ որտե՞ղ պիտի լինեմ։

— Վաղուց է, չենք տեսնվել։ Քո մասին այնպիսի բաներ եմ լսել, որ կարծես թե դու չլինես։

— Ինչեր ասես, որ չեն ասի,― չոր֊չոր նկատեց Ռոգոժինը։

— Բայց և այնպես, դու ամբողջ խումբդ ցրել ես. ինքդ ահա հայրենի տանդ ես նստած, չարություն չես անում։ Ինչ կա որ, լավ է։ Տունը քո՞նն է, թե ձեր ընդհանուրինն է։

— Տունը մայրիկինս է։ Նրա մոտ կարելի է գնալ այստեղից, միջանցքն անցնելով։

— Իսկ եղյբա՞յրդ որտեղ է ապրում։

— Սեմյոն Սեմյոնովիչ եղբայրս կցաշենքում է։

— Ընտանիքավո՞ր է նա։

— Այրիացած է։ Դա քո ինչի՞ն է պետք։

Իշխանը նայեց ու չպատասխանեց, նա հանկարծ մտածմունքի մեջ ընկավ և, թվում է, հարցը չլսեց։ Ռոգոժինը չէր պնդում և սպասում էր։ Մի պահ լռեցին։

— Ես հիմա, մոտենալիս, հարյուր քայլ հեռավորությունից գուշակեցի, որ սա է քո տունը,— ասաց իշխանը։

— Այդ ինչո՞ւ։

— Բոլորովին չգիտեմ։ Քո տունն ունի ձեր ամբողջ ընտանիքի և ձեր ամբողջ Ռոգոժինյան կյանքի կերպարանքը, բայց հարցրու, թե ինչու եմ այդպես եզրակացրել, ոչնչով բացատրել չեմ կարող։ Իհարկե, զառանցանք է։ Նույնիսկ վախենում եմ, որ դա ինձ այսպես անհանգսաացնում է։ Առաջ մտքովս էլ չէր անցնի, որ դու այսպիսի տան ես ապրում, բայց հենց որ տեսա, իսկույն մտածեցի. «Դե ախր նրա տունը հենց այսպիսին էլ պիտի լինի»։

— Մի տե՜ս,— անորոշ քմծիծաղ տվեց Ռոգոժինը, այնքան էլ լավ չհասկանալով իշխանի անպարզ միտքը։— Այս տունը դեռ պապս է կառուցել,— նկատեց նա,— այստեղ շարունակ ներքինիներ են ապրել, Խլուդյակովները, դեռ հիմա էլ մեզ մոտ են վարձում։

— Ինչպիսի խավար է։ Խավարի մեջ ես նստում,— ասաց իշխանը՝ առանձնասենյակը շրջահայելով։

Դա մի մեծ սենյակ էր, բարձր, մթավուն, ամեն տեսակի կահույքով լցված՝ մեծ մասամբ մեծ աշխատանքային սեղաններով, բյուրոներով, պահարաններով, որոնցում պահվում էին պաշտոնական մատյաններ ու զանազան թղթեր։ Կարմիր լայն սեկե բազմոցն ըստ երևույթին Ռոգոժինին ծառայում էր որպես անկողին։ Սեղանի վրա, որի առաջ նրան նստեցրել էր Ռոգոժինը, իշխանը երկու֊երեք գիրք նկատեց։ Նրանցից մեկը՝ Սոլովյովի «Պատմությունը», բացած էր և մեջը էջանշան էր դրված։ Պատերից կախված էին փայլատ ոսկեզօծ շրջանակներով մի քանի յուղաներկ նկարներ, խավար, մրոտված, որոնց վրա շատ դժվար էր որևէ բան տեսնել։ Ամբողջ հասակով մեկ մի պատկեր իր վրա գրավեց իշխանի ուշադրությունը. նկարը պատկերում էր մոտ հիսուն տարեկան մի մարդու՝ գերմանական ձևի սերթուկով, որը սակայն երկարափեշ էր, վզից երկու մեդալ կախ, շատ ցանցառ ու կարճլիկ ալեխառն մորուքով, կնճռոտ ու դեղին դեմքով, կասկածոտ, ծածկամիտ ու վշտալի հայացքով։

― Չլինի՞ սա քո հայրն է,— հարցրեց իշխանը։

— Նա է որ կա,— տհաճ քմծիծաղով պատասխանեց Ռոգոժինը, կարծես պատրաստվելով անմիջապես որևէ անպատկառ կատակ անելու իր հանգուցյալ ծնողի հասցեին։

— Նա հնածեսներից չէր, այնպես չէ՞։

― Ոչ, եկեղեցի գնում էր, բայց ճիշտ է, ասում էր, որ հին հավատն ավելի ճիշտ էր։ Ներքինիներին էլ շատ էր հարգում։ Սա ահա հենց նրա կաբինետն էր։ Ինչո՞ւ հարցրիր, թե հո հնածես չէր։

— Հարսանիքդ այստե՞ղ ես անելու։

— Այս֊տեղ,— պատասխանեց Ռոգոժինը, համարյա ցնցվելով անսպասելի հարցից։

— Շո՞ւտ եք անելու։

— Ինքդ գիտես, մի՞թե ինձնից է կախված։

— Պարֆեն, ես քեզ թշնամի չեմ և ոչ մի բանում քեզ խանգարելու մտադիր չեմ։ Դա ես հիմա կրկնում եմ այնպես, ինչպես հայտարարել էի առաջ, մի անգամ, գրեթե մի այսպիսի րոպեի։ Երբ Մոսկվայում քո հարսանիքն էր, ես քեզ չէի խանգարում, դու գիտես։ Առաջին անգամ նա ինքը նետվեց ինձ մոտ, համարյա պսակի տակից, խնդրելով «փրկել» իրեն քեզնից։ Ես նրա սեփական բառերն եմ կրկնում քեզ։ Հետո ինձնից էլ փախավ, դու նորից նրան փնտրեցիր գտար և պսակադրության տարար, և ահա, ասում են, նա նորից այստեղ է փախել քեզնից։ Այդ ճի՞շտ է։ Ինձ Լեբեդևն է այդպես տեղեկացրել, դրա համար էլ եկել եմ։ Իսկ որ այստեղ նորից դրստվել են ձեր գործերը, ես միայն երեկ առաջին անգամ վագոնում իմացա քո նախկին բարեկամներից մեկից, եթե ուզում ես իմանալ՝ Զալյոժովից։ Իսկ այստեղ գալիս էի մի նպատակով. ես ուզում էի վերջապես համոզել նրան, որ արտասահման մեկնի առողջությունը շտկելու համար․ շատ է խախտված նրա մարմինը և հոգին, հատկապես գլուխը, և, իմ կարծիքով, մեծ խնամքի կարիք ունի։ Ես ինքս նրան արտասահման ուղեկցել չէի ուզում, այլ նկատի ունեի այդ ամենը սարքել առանց ինձ։ Քեզ կատարյալ ճշմարտությունն եմ ասում։ Եթե միանգամայն ճշմարիտ է, որ ձեր մեջ նորից գլուխ է գալիս այդ գործը, ապա նրա աչքին չեմ էլ երևա, և քեզ մոտ էլ այլևս երբեք չեմ գա։ Ինքդ գիտես, որ քեզ չեմ խաբում, որովհետև միշտ անկեղծ եմ եղել քեզ հետ։ Իմ մտքերն այդ մասին քեզնից երբեք չեմ թաքցրել և միշտ ասել եմ, որ քեզ մարդու գնալը նրա համար անպայման կործանում է։ Քեզ համար էլ է կործանում․․․ գուցե ավելի, քան նրա համար։ Եթե դուք նորից բաժանվեիք, ես շաա գոհ կլինեի, բայց մտադիր չհմ ինքս խափանել ու քանդել ձեր գործը։ Ուրեմն հանգիստ եղիր ու մի կասկածիր ինձ։ Ասենք, դու ինքդ էլ գիտես, երբևէ եղե՞լ եմ արդյոք քո իսկական ախոյանը, նույնիսկ այն ժամանակ, երբ նա փախավ ինձ մոտ։ Ահա դու հիմա ծիծաղեցիր։ Այո, մենք այնտեղ ապրում էինք առանձին և տարբեր քաղաքներում, և դու այդ ամենը հաստատ գիտեիր։ Չէ՞ որ քեզ առաջ էլ էի բացատրել, որ ես նրան «ոչ թե սիրով եմ սիրում, այլ խղճահարությամբ»։ Կարծում եմ, որ դա ճիշտ եմ բնորոշում։ Դու այն ժամանակ ասում էիր, որ իմ այդ խոսքերը հասկացար. արդյոք ճի՞շտ է, արդյոք հասկացա՞ր։ Ահա ինչպիսի ատելությամբ ես նայում։ Ես քեզ հանգստացնելու եկա, որովհետև դու էլ ինձ համար թանկ ես։ Ես քեզ շատ եմ սիրում, Պարֆեն։ Իսկ հիմա կգնամ և երբեք չեմ գա։ Մնաս բարով։

Իշխանը վեր կացավ։

— Մի քիչ նստիր հետս,― կամացուկ ասաց Պարֆենր, առանց տեղից վեր կենալու և գլուխը հակելով աջ ափին,― քեզ վաղուց չեմ տեսել։

Իշխանր նստեց։ Երկուսն էլ նորից լռեցին։

— Ես, հենց որ աչքիս առաջ չես, անմիջապես չարություն եմ զգում քո նկատմամբ, Լև Նիկոլաևիչ։ Այս երեք ամիսը, որ քեզ չեմ տեսել, ամեն րոպե չարացել եմ քեզ վրա, աստված վկա։ Ուղղակի կվերցնեի ու մի բանով կթունավորեի քեզ։ Ահա թե ինչ։ Հիմա քառորդ ժամ էլ չես նստել ինձ հետ, բայց ամբողջ չարությունս անցնում է, և առաջվա նման սիրելի ես ինձ։ Մի քիչ նստիր ինձ հետ․․․

— Երբ քեզ հետ եմ, դու ինձ հավատում ես, իսկ երբ չկամ, անմիջապես դադարում ես հավատալուց և նորից ես կասկածում։ Հորդ ես քաշել,— բարեկամաբար ծաղրելով և ջանալով թաքցնել իր զգացմունքը, պատասխանեց իշխանը։

— Ես քո ձայնին եմ հավատում, երբ նստած եմ քեզ հետ։ Ես ախր հասկանում եմ, որ մեզ չի կարելի հավասարեցնել, ինձ ու քեզ․․․

— Ինչո՞ւ ավելացրիր դա։ Եվ ահա նորից գրգռվեցիր,— ասաց իշխանը, զարմանալով Ռոգոժինի վրա։

— Է, այստեղ արդեն, եղբայր, մեր կարծիքը չեն հարցնում,― պատասխանեց նա,— այստեղ առանց մեզ են գործ տեսել։ Մենք ահա սիրում էլ ենք տարբեր, ամեն ինչում տարբերություն կա,— շարունակեց նա կամացուկ ու մի պահ լռելուց հետո։— Դու ահա ասում ես, խղճահարությամբ ես սիրում։ Ոչ մի այդպիսի խղճահարություն չկա իմ մեջ դեպի նա։ Եվ նա ամենից ավելի ատում է ինձ։ Նա հիմա ամեն գիշեր երազս է գալիս, որ, շարունակ, ուրիշի հետ ինձ վրա ծիծաղում է։ Դա հենց այդպես էլ է, եղբայր։ Ինձ հետ պսակվելու է գալիս, իսկ իմ մասին նույնիսկ մոռացել է մտածել, կարծես կոշիկ է փոխում։ Կհավատա՞ս, հինգ օր է նրան չեմ տեսել, որովհետև չեմ համարձակվում նրա մոտ գնալ. կհարցնի. «Ինչո՞ւ ես հրամել»։ Քի՞չ է անարգել ինձ...

— Ինչպե՞ս է անարգել։ Ի՞նչ ես ասում։

— Կարծես թե չգիտես։ Ախր հենց քեզ հետ է ինձնից փախել «պսակի տակից», նոր ինքդ ասացիր։

— Բայց դու ինքդ էլ չես հավատում, որ․․․

— Մի՞թե նա սպայի, Զեմտյուժինկովի հետ, Մոսկվայում չէր անարգում ինձ։ Հաստատ գիտեմ, որ անարգում էր, և արդեն այն բանից հետո, երբ ինքն էր պսակադրության ժամկետ նշանակել։

— Չի՛ կարող պատահել,— բացականչեց իշխանը։

— Հաստատ գիտեմ,— համոզված պնդեց Ռոգոժինը։— Ինչ, այդպիսին չի՞։ Այդ, եղբայր, կարիք էլ չկա ասելու, որ այդպիսին չի։ Դա միայն ցնդաբանություն է։ Քեզ հետ նա այդպես չի լինի և հավատաս, հենց ինքը կսարսափի այդպիսի գործից, իսկ ինձ հետ ահա հենց այդպիսին է։ Ախր այդպես է։ Ինձ վրա նայում է ինչպես ամենավերջին տականքի վրա։ Կելլերի, ահա այն սպայի հետ, որ բռնցքամարտով էր զբաղվում, հաստատ գիտեմ, որ միայն ինձ վրա ծիծաղելու համար էր հնարել այդ պատմությունը... Դու դեռ չգիտես, թե Մոսկվայում ինչե՜ր էր անում գլխիս։ Իսկ փո՜ղ, ինչքա՜ն փող մսխեցի...

— Էլ․․․ ինչպե՞ս ես հիմա ամուսնանում։ Հետո՞ ինչ ես անելու,— սարսափով հարցրեց իշխանը։

Ռոգոժինը ծանր ու սարսափելի նայեց իշխանին և ոչինչ չպատասխանեց։

— Ես հիմա հինգերորդ օրն է արդեն, որ նրա մոտ չեմ եղել,— շարունակեց նա, մի րոպե լռելուց հետո։— Շարունակ վախենում եմ, թե կվռնդի։ «Ես, ասում է, դեռ իմ գլխի տերն եմ. ուզենամ, քեզ բոլորովին կվռնդեմ, իսկ ինքս արտասահման կգնամ» (դա արդեն ինքն է ինձ ասել, որ արաասահման կգնա,— նկատեց Ռոգոժինը կարծես թե փակագծերի մեջ և մի տեսակ առանձնահատուկ նայելով իշխանի աչքերի մեջ). երբեմն, ճիշտ է, միայն վախեցնում է, չգիտես ինչու, շարունակ ծիծաղը գալիս է ինձ վրա։ Իսկ ուրիշ անգամ իսկապես էլ կմռայլվի, կխոժոռի, մի խոսք չի ասի. ես ահա հենց դրանից եմ վախենում։ Նորերս մտածեցի՝ սկսեմ ձեռնունայն չգնալ մոտը, բայց միայն նրա ծիծաղը շարժեցի, իսկ հետո նույնիսկ չարացավ։ Աղախին Կատկային իմ մի այնպիսի շալը նվիրեց, որ թեև առաջ նա ճոխության մեջ էր ապրում, բայց այդպիսին գուցե դեռ տեսած չլիներ։ Իսկ այն մասին, թե երբ ենք պսակվելու, նույնիսկ ծպտուն հանել չի կարելի։ Էլ ի՞նչ փեսացու, որ ուղղակի նրա մոտ գնալուց էլ վախենում է։ Եվ ահա նստում եմ, իսկ երբ համբերությունս հատում է, թաքուն ու գաղտագողի շրջում եմ փողոցում նրա տան շուրջը կամ թաքնվում եմ որևէ անկյունում։ Նորերս համարյա մինչև լուսաբաց նրա դարպասի մոտ հերթապահեցի, այն ժամանակ մի բան էր երևացել աչքիս։ Իսկ նա, երևի, լուսամուտից տեսել էր. «Ինձ ի՞նչ կանեիր, ասում է, եթե տեսնեիր, որ քեզ խաբում եմ»։ Ես չհամբերեցի ու ասում եմ. «Ինքդ գիտես»։

— Իսկ ի՞նչ գիտի։

— Ես ինքս էլ չգիտեմ, ի՞նչ իմանամ,— չար ծիծաղեց Ռոգոժինը։— Մոսկվայում ես այն ժամանակ նրան ոչ ոքի հետ չկարողացա բռնել, թեև երկար ժամանակ հետապնդում էի։ Ես այն ժամանակ մի անգամ վերցրի ու նրան ասացի. «Դու խոստացել ես ինձ հետ պսակվել, ազնիվ ընտանիք ես մտնում, բայց գիտե՞ս, թե հիմա ով ես դու։ Դու, ասում եմ, ահա թե ինչպիսին ես»։

— Դու նրան ասացի՞ր։

— Ասացի։

— Հետո՞։

— «Ես քեզ, ասում է, հիմա գուցե ինձ մոտ նույնիսկ լակեյ վերցնել չեմ ուզենա, ուր մնաց թե քո կինը դառնալ»։ «Իսկ ես, ասում եմ, այսպես չեմ գնա, վերջը մեկ է»։ «Իսկ ես, ասում է, հիմա Կելլերին կկանչեմ, նրան կասեմ, և նա քեզ դարպասից դուրս կնետի»։ Ես էլ հարձակվեցի նրա վրա և կապտեցնելու աստիճան ծեծեցի։

— Չի՛ կարող պատահել,— գոչեց իշխանը։

— Ասում եմ՝ պատահել է,— կամացուկ, բայց աչքերը փայլեցնելով, ասաց Ռոգոժինը։— Ուղիղ օր ու կես չքնեցի, չկերա, չխմեցի, նրա սենյակից դուրս չեկա, նրա առաջ ծունկի էի գալիս. «Կմեռնեմ, ասում եմ, դուրս չեմ գա, մինչև չներես, իսկ եթե հրամայես դուրս անել, ջուրը կընկնեմ, կխեղդվեմ, որովհետև հիմա ի՞նչ եմ անելու առանց քեզ»։ Նա այն ամբողջ օրը իսկական խելագարի պես էր, մեկ լալիս էր, մեկ պատրաստվում էր դանակով սպանել ինձ, մեկ հայհոյում էր ինձ։ Զալյոժովին, Կելլերին, Զեմդյուժինկովին, և բոլորին կանչեց, ինձ մատնացույց է անում, խայտառակում։ «Ամբողջ խմբով այսօր թատրոն գնանք, պարոնայք, թող նա այստեղ նստի, եթե չի ուզում դուրս գալ, ես նրա համար շղթայված չեմ։ Իսկ ձեզ այստեղ, Պարֆեն Սեմյոնիչ, առանց ինձ թեյ կհրամցնեն, դուք, հավանաբար սովածացել եք այսօր»։ Թատրոնից վերադարձավ մենակ․ «Նրանք, ասում է, վախկոտներ ու սրիկաներ են, քեզնից վախենում են, ինձ էլ են վախեցնում, ասում են, նա այդպես չի գնա, հավատա, կմորթի։ Իսկ ես ահա, որ ննջարան գնամ, դուռը չեմ կողպի հետևիցս, ահա թե ինչպես եմ վախենում քեզանից։ Որպեսզի դու գիտենաս ու տեսնես այդ։ Թեյ խմեցի՞ր»։ «Ոչ, ասում եմ, և չեմ խմի»։ «Գոնե մի քիչ պատիվ ունենայիր, թե չէ արարքդ բոլորովին չի սազում քեզ»։ Եվ ինչպես որ ասաց, այնպես էլ արավ, սենյակը չկողպեց։ Առավոտյան դուրս եկավ՝ ծիծաղում է․ «Խելագարվե՞լ ես, ինչ է,— ասում է։― Այդպես դու սովամահ կլինես»։— «Ներիր», ասում եմ։ «Չեմ ուզում ներել, ասված է՝ չեմ ուզում քեզ մարդու գնալ։ Մի՞թե դու ամբողջ գիշերը այս բազմոցին էիր նստած, չէիր քնել»։— «Ոչ, ասում եմ, չէի քնել»։— «Ի՜նչ խելոքն ես։ Իսկ էլի՞ թեյ չես խմելու և չես ճաշելու»։— «Ասացի՝ չէ, ներիր»։— «Իմանայիր, թե ինչպե՜ս չի սազում դա քեզ, ինչպես կովին՝ թամբը։ Չլինի՞ թե մտածել ես ինձ վախեցնել։ ԻԷնչ մի քամբախատություն է ինձ համար, որ քաղցած կնստես. այ թե վախեցրի՜ր»։ Բարկացավ, բայց դա երկար չտևեց, նորից սկսեց ինձ ձեռ առնել։ Եվ այստեղ զարմացա նրա վրա, թե ինչպե՞ս նրա մեջ բոլորովին չկա այդ չարությունը։ Այնինչ նա հիշաչար է, ուրիշների վրա երկար է պահում զայրույթը։ Ահա հենց այդ ժամանակ մտքովս անցավ, որ նա այն աստիճան ստոր է համարում ինձ, որ նույնիսկ չի կարող շատ զայրանալ վրաս։ Եվ դա ճիշտ է։ «Դու գիտե՞ս, ասում է, ինչ բան է Հռոմի պապը»։— «Լսել եմ», ասում եմ։ «Դու, ասում է, Պարֆեն Սեմյոնիչ, բոլորովին չես սովորել ընդհանուր պատմություն»։— «Ես, ասում եմ, ոչինչ էլ չեմ սովորել»։— «Որ այդպես է, ասում է, կտամ, կարդա. մի այդպիսի պապ է եղել, և բարկացել է մի կայսեր վրա, և սա երեք օր առանց ուտելու, առանց խմելու, ոտաբոբիկ, ծնկաչոք, մնացել է նրա պալատի առաջ, մինչև պապը նրան ներել է. ի՞նչ ես կարծում, այդ երեք օրվա ընթացքում այդ կայսրը, ծունկի եկած, ինչե՜ր է մտածել և ինչ երդում է կերել։ Բայց սպասիր, ասում է, ես ինքս կարդամ քեզ համար այդ մասին»։ Վեր թռավ, գիրքը բերեց. «Սա բանաստեղծություն է», ասում է, և սկսեց ոտանավորներով կարդալ, թե ինչպես այն կայսրը այդ երեք օրը ուխտ էր անում վրեժխնդիր լինել պապին։ «Մի՞թե, ասում է, սա քեզ դուր չի գալիս, Պարֆեն Սեմյոնիչ»։— «Այդ բոլորը, ասում եմ, ինչ որ կարդացիր, ճիշտ է»։ «Ըհը՜, ինքդ ասում ես, որ ճիշտ է, նշանակում է, գուցե դու էլ երդվում ես, որ՝ «սա մարդու կգնա ինձ, այն ժամանակ ամեն ինչ կհիշեցնեմ նրան, ահա այն ժամանակ հախիցը կգամ»։— «Չգիտեմ, ասում եմ, գուցե և մտածում եմ այդպես»։— «Ինչպե՞ս թե չգիտես»։— «Այնպես, ասում եմ, չգիտեմ, հիմա դրա մասին չեմ մտածում»։— «Իսկ ինչի՞ մասին ես մտածում հիմա»։ «Դե ահա հենց վեր կենաս տեղիցդ, կողքովս անցնես, նայում եմ քեզ ու հետևում. շորդ խշխշա՝ սիրտս նվաղում է, իսկ երբ դուրս ես գնում սենյակից, մտաբերում եմ քո ամեն մի փոքրիկ բառը, թե ինչ ձայնով և ինչ ասացիր, իսկ այս ամբողջ գիշերը իսկի մի բանի մասին էլ չէի մտածում, շարունակ ականջ էի դնում, թե ինչպես էիր շնչում քնիդ մեջ և ինչպես մի երկու անգամ շարժվեցիր...»։― «Ով գիտի,— ծիծաղեց նա,— դու այն մասին էլ չես մտածում, որ ինձ թակեցիր, չես մտածում և չես հիշում»։— «Գուցե և, ասում եմ, մտածում եմ, չգիտեմ»։— «Իսկ եթե չներեմ և հետդ չամուսնանա՞մ»։— «Ասացի, որ ջուրը կընկնեմ, կխեղդվեմ»։— «Գուցե նախքան այդ սպանես էլ»... ասաց ու մտքերի ծովն ընկավ։ Հետո բարկացավ ու դուրս գնաց։ Մի ժամ անց գալիս է ինձ մոտ այնպես մռայլ։ «Ես, ասում է, կամուսնանամ քեզ հետ, Պարֆեն Սեմյոնիչ, և ոչ թե նրա համար, որ վախենում եմ քեզնից, այլ միևնույն է, կործանվելու եմ։ Որտե՞ղ է, որ ավելի լավ է։ Նստիր, ասում է, հիմա քեզ ճաշ կբերեն։ Իսկ եթե ամուսնանամ, ասում է, քեզ հավատարիմ կին կլինեմ, դրան մի կասկածիր և մի անհանգստանա»։ Հետո մի քիչ լռեց ու ասում է. «Այնուամենայնիվ դու լակեյ չես. ես առաջ կարծում էի, թե դու տեղովդ լակեյ ես»։ Հենց այստեղ էլ հարսանիքի օրը նշանակեց, իսկ մի շաբաթ անց ինձնից փախավ այստեղ, Լեբեդևի մոտ։ Հենց որ եկա, նա ինձ ասում է. «Ես քեզնից լիովին չեմ հրաժարվում. ես միայն դեռ էլի ուզում եմ սպասել, ինչքան քեֆս տա, որովհետև դեռ ինքս եմ գլխիս տերը։ Դու էլ սպասիր, եթե ուզում ես»։ Ահա թե ինչպիսին են հիմա մեր գործերը... Ի՞նչ ես կարծում այս բոլորի մասին, Լև Նիկոլաևիչ։

— Դու ինքդ ի՞նչ ես կարծում,― հարցը կրկնեց իշխանը, տխուր նայելով Ռոգոժինին։

— Մի՞թե ես մտածում եմ,— դուրս թռավ սրա բերանից։ Նա ուզում էր էլի մի բան ավելացնել, բայց լռեց անսահման թախիծով։

Իշխանը վեր կացավ և նորից ուզում էր գնալ։

— Ես քեզ, համենայն դեպս, չեմ խանգարի,― կամացուկ ասաց նա, գրեթե մտածկոտ, կարծես պատասխանելով իր ներքին, թաքուն մտքին։

— Գիտե՞ս ինչ կասեմ քեզ,— հանկարծ ոգևորվեց Ռոգոժինը և նրա աչքերը պսպղացին,— այդ ինչպե՞ս ես ինձ զիջում, չեմ հասկանում։ Մի՞թե բոլորովին դադարել ես նրան սիրելուց։ Առաջ, համենայն դեպս, դու թախծում էիր, ես ախր տեսնում էի։ Հապա էլ ինչո՞ւ գլխապատառ այստեղ հասար։ Խղճահարությունի՞ց։ (Եվ նրա դեմքը ծամածռվեց չար ծաղրից)։ Հա՜-հա՜։

— Դու կարծում ես, որ քեզ խաբո՞ւմ եմ,— հարցրեց իշխանը։

― Ոչ, ես քեզ հավատում եմ, միայն թե ոչինչ չեմ հասկանում այստեղ։ Ամենից ճիշտն այն է, որ ով գիտե, քո խղճահարությունն իմ սիրուց ավելի սաստիկ է։

Ինչ-որ քինոտ և անպայման անմիջապես արտահայտվել ցանկացող բան բռնկվեց նրա դեմքին։

— Ի՛նչ կա որ, քո սերը չարությունից տարբերել չի լինի,— ժպտաց իշխանը,— իսկ եթե դա անցնի, կարող է ավելի վատ բան լինել։ Ես, Պարֆեն եղբայր, սա քեզ ասում եմ...

— Կմորթե՞մ, ինչ է։

Իշխանը ցնցվեց։

— Շատ կատես նրան հենց հիմիկվա այն սիրո փոխարեն, այս ամբողջ տանջանքի փոխարեն, որ հիմա ընդունում ես։ Ինձ համար ամենազարմանալին այն է, թե նա ինչպե՞ս նորից կարող է ամուսնանալ քեզ հետ։ Երբ երեկ իմացա, հազիվ հավատացի, և այնպես ծանր ազդեց վրաս։ Չէ՞ որ արդեն երկու անգամ հրաժարվել է քեզնից ու պսակադրության ծեսից փախել, նշանակում է, նախազգացում ունի... Հիմա դու էլ նրա ինչի՞ն ես պետք։ Մի՞թե քո փողերն են գրավում։ Դատարկ բան։ Եվ ով գիտի, փողերդ էլ կարգին վատնել ես։ Մի՞թե լոկ նրա համար, որ ամուսին գտնի։ Ով ասես՝ քեզնից լավ կլինի, որովհետև դու իսկապես էլ կարող ես մորթել, և դա, կարող է պատահել, նա հիմա շատ լավ է հասկանում։ Որ դու նրան այդպես ուժգին սիրո՞ւմ ես։ Ճիշա է, դա՝ թերևս... Ես լսել եմ, որ կան այնպիսիները, որոնք հենց այդպիսի սեր են որոնում... միայն...

Իշխանը կանգ առավ և մտասուզվեց։

— Ինչո՞ւ նորից քմծիծաղ տվիր հորս պատկերի վրա,— հարցրեց Ռոգոժինը, որը չափաղանց ուշադիր հետևում էր իշխանի դեմքի ամեն մի փոփոխությանը, ամեն մի անցողիկ գծին։

— Ինչու քմծիծաղ տվի՞։ Մտքովս անցավ, որ եթե գլխիդ այս փորձանքը չգար, այս սերը չպատահեր, դու, հավատա, ճիշտ և ճիշտ քո հոր նման կդառնայիր և շատ կարճ ժամանակում հնազանդ ու անբարբառ կնոջդ հետ լուռումունջ կնստեիր այս տանը, հազվադեպ ու խիստ մի խոսք ասելով, ոչ մի մարդու չհավատալով և բոլորովին դրա կարիքը չզգալով, և միայն լուռ ու մռայլ՝ փող կուտակելով։ Մեկ էլ շատ֊շաա հին գրքերը կգովաբանեիր և երկմատնյա խաչակնքությամբ կհետաքրքրվեիր, այն էլ գուցե միայն օր ծերության...

— Ծաղրիր։ Եվ ահա նա էլ ճիշտ և ճիշտ նույնն էր ասում նորերս, երբ նույնպես դիտում էր այս պատկերը։ Զարմանալի է, թե ինչպես հիմա դուք ամեն ինչում համամիտ եք...

— Մի՞թե նա արդեն եղել է քեզ մոտ,— հետաքրքրությամբ հարցրեց իշխանը։

— Եղել է։ Երկար ժամանակ նայում էր պատկերին, հանգուցյալի մասին հարցուփորձ էր անում։ «Դու ահա ճիշտ այսպիսին կլինեիրի վերջո քմծիծաղ տվեց վրաս,— դու, ասում է, Պարֆեն Սեմյոնիչ, ուժեղ կրքեր ունես, այնպիսի կրքեր, որ դրանցով ուղիղ Սիբիր, աքսոր կթռչեիր, եթե դրանց հետ մեկտեղ խելք էլ չունենայիր, որովհետև դու մեծ խելքի տեր ես»,― ասում է (հենց այդպես էլ ասաց, հավատո՞ւմ ես, թե չէ։ Առաջին անգամ նրանից իմացա այդպիսի խոսք)։ «Դու հիմիկվա այդ ամբողջ գժությունը շուտով մի կողմ կդնեիր։ Եվ քանի որ դու բոլորովին անուսում մարդ ես, ապա կսկսեիր փող կուտակել, և հորդ պես քո ներքինիների հետ կնստեիր այս տանը. թերևս, վերջ ի վերջո նրանց հավատն ընդունեիր, և այնպես կսիրեիր քո փողերը, որ ոչ թե երկու միլիոն, այլ հավատաս տասն էլ կկուտակեիր և քո պարկերի վրա սովից կմեռնեիր, որովհետև ամեն ինչի կիրք ունես, ամեն ինչ կրքի աստիճանի ես հասցնում»։ Ահա ճիշտ այսպես էլ ասում էր, համարյա ճիշտ և ճիշտ այս բառերով։ Դեռ երբեք մինչև այդ ինձ հետ նա այդպես չէր խոսել։ Ախր նա ինձ հետ շարունակ դատարկ բաների մասին է խոսում կամ ծաղրում է. այստեղ էլ ծիծաղելով սկսեց, իսկ հետո այնպես մռայլվեց․ շրջեց այս ամբողջ տունը, զննեց և կարծես թե ինչ-որ բանից վախենում էր։ «Ես այս բոլորը կփոխեմ, ասում եմ, ու կզարղարեմ, կամ թե չէ մինչև հարսանիքը, գուցե, մի ուրիշ տուն կգնեմ»։— «Չէ՛, չէ՛, ասում է, այստեղ ոչինչ չփոխես, այսպես էլ կապրենք։ ես ուզում եմ քո մայրիկի մոտ ապրել, երբ քո կինը դառնամ»։ Ես նրան տարա մայրիկիս մոտ, դեպի նա հարգալիր էր, ինչպես հարազատ աղջիկը։ Մայրիկս առաշ էլ, ահա արդեն երկու տարի է, կարծես թե խելքը լրիվ գլխին չի (նա հիվանդ է), իսկ ծնողիս մահից հետո բոլորովին մանկացել է, անխոս ղարձել. նստում է ոտները կաթվածահար և միայն բոլորին, ում տեսնում է, նստած տեղից գլուխ է տալիս. թվում է, եթե չկերակրես, երեք օր գլխի չի ընկնի։ Ես մայրիկիս աջ ձեռքը բռնեցի, երեք մատը միացրի. «Օրհնեցեք, ասում եմ, մայրիկ, ինձ հետ պսակվում է», և նա զգացմունքով համբուրեց մայրիկիս ձեռքը։ «Հավանաբար, ասում է, շատ վիշտ է տեսել մայրիկդ»։ Ահա այu գիրքը տեսավ ինձ մոտ. «Այդ ինչ է, «Ռուսաց պատմությո՞ւնն» ես սկսել կարդալ։ (Իսկ նա մի անդամ Մոսկվայում ինքն էր ասել ինձ. «Գոնե մի բանով կրթեիր քեզ, թեկուզ Սոլովյովի «Ռուսաց պատմությունը» կարդայիր, ախր ոչ մի բան չգիտես)։ «Այդ լավ ես անում, ասաց, այդպես էլ արա, կարդա։ Ես քեզ համար մի փոքրիկ ցուցակ կկազմեմ, թե նախ և առաջ ինչ գրքեր պետք է կարդալ. ուզո՞ւմ ես, թե ոչ»։ Եվ երբեք, ախր երթեք առաջ նա ինձ հետ այդպես չէր խոսել, այնպես որ նույնիսկ զարմացրեց ինձ. առաջին անգամ շունչ քաշեցի կենդանի մարդու պես։

— Ես դրա համար շատ ուրախ եմ, Պարֆեն,― ասաց իշխանը անկեղծ զգացմունքով,― շատ ուրախ եմ։ Ո՞վ գիտի, գուցե աստված կհաջողեցնի, որ միասին լինեք։

— Դա երբեք չի լինի,— տաք-տաք գոչեց Ռոգոժինը։

— Լսիր, Պարֆեն, եթե դու նրան այդպես սիրում ես, մի՞թե չես ուզենա արժանանալ նրա հարգանքին։ Իսկ եթե ուզում ես, ապա մի՞թե հույս չունես։ Ահա քիչ առաջ ես ասացի, որ ինձ համար զարմանալի խնդիր է. նա ինչո՞ւ է մարդու գնում քեզ։ Ու թեև ես չեմ կարող լուծել այդ խնդիրը, սակայն, այսուհանդերձ, ինձ համար կասկածից վեր է, որ այստեղ պետք է լինի բավարար խելացի պատճառ։ Քո սիրուն նա համոզված է. բայց հավանաբար համոզված է նաև քո մի քանի արժանիքներին։ Ախր այլ կերպ չի կարող լինել։ Այն, ինչ հիմա ասացիր, հաստատում է դա։ Դու ինքդ ես ասում, որ նա հնարավոր համարեց քեզ հետ խոսել բհլորովին այլ լեզվով, քան առաջ էր վարվում ու խոսում։ Դու կասկածամիտ ես ու խանդոտ, դրա համար էլ չափազանցնում ես այն ամեն վատը, ինչ տեսել ես։ Ինչ խոսք, որ նա քո մասին այնքան վատ չի մտածում, ինչպես դու ես ասում։ Չէ՞ որ այլապես կնշանակեր, որ քեզ հետ ամուսնանալով, նա գիտակցաբար ջուրն է նետվում կամ դանակի տակ ընկնում։ Մի՞թե դա կարող է պատահել։ Ո՞վ է գիտակցաբար ջուրը նետվում կամ դանակի տակ ընկնում։

Դառն քմծիծաղով Պարֆենը ականջ դրեց իշխանի տաք-տաք խոսքերին։ Թվում էր, նրա համոզմունքը արդեն աներեր հաստատված էր։

— Ինչպես ծանր ես նայում հիմա ինձ, Պարֆեն,― ծանր զգացումով դուրս թռավ իշխանի բերանից։

— Ջուրը կամ դանակի տա՜կ,— ասաց վերջապես ՌոգոԺինը,— Հե՛։ Դե հենց դրա համար էլ ամուսնանում է հետս, որ հավանորեն ինձնից դանակ է սպասում։ Մի՞թե իսկապես մինչև հիմա գլխի չես ընկել, թե այստեղ ամբողջ բանն ինչ է։

— Ես քեզ չեմ հասկանում։

— Ինչ կա որ, գուցե իսկապես էլ չի հասկանում, հա՜-հա՜։ Ախր քո մասին ասում են, որ դու... էնիք ես։ Նա ուրիշին է սիրում, ահա թե ինչը հասկացիր։ Ճիշտ այնպես, ինչպես հիմա ես նրան եմ սիրում, ճիշտ այդպես էլ նա հիմա ուրիշին է սիրում։ Իսկ այդ ուրիշը գիտե՞ս ով է։ Այդ դո՜ւ ես։ Չգիտեի՞ր, ինչ է։

— Ե՞ս։

— Դու։ Նա քեզ այն ժամանակ, հենց անվանակոչության օրվանից ի վեր, սիրեց։ Միայն նա կարծում է, որ իրեն չի կարելի քեզ հետ ամուսնանալ, որովհետև նա իբր քեզ կխայտառակի և քո ամբողջ բախտը կկործանի։ «Ես, ասում է, հայտնի է, թե ինչպիսին եմ»։ Մինչև հիմա դրա մասին ինքն է պնդում» Նա այդ ամենը ուղղակի երեսիս է ասել։ Քեղ կործանել ու խայտառակելուց վախենում է, իսկ ինձ հետ ամուսնանալ, ուրեմն, ոչինչ, կարելի է, ահա թե ինչպես է նա ինձ հարգում, այս էլ նկատիր։

— Բայց այդ ինչպե՞ս քեզնից ինձ մոտ փախավ, իսկ․․․ ինձնից...

— Իսկ քեզնից ինձ մոտ։ Հե՛։ Դե ինչ ասես, որ նրա խելքին չի փչի հանկարծ։ Նա հիմա կարծես ամբողջովին տենդի մեջ է։ Մեկ երեսիս բղավում է. «Քեզ հետ ամուսնանում եմ, ոնց որ ջուրը նետվելիս լինեմ։ Շուտ, հարսանիքն անենք»։ Ինքն է շտապեցնում, օր է նշանակում, իսկ ժամանակը որ մոտենում է, վախենում է, կամ ուրիշ մտքեր են գալիս գլուխը, աստված գիտի, թե ինչ, ախր ինքդ տեսար, լալիս է, ծիծաղում, տենդով բռնված ցնցվում։ Այստեղ զարմանալու ի՞նչ կա, որ քեզնից էլ է փախել։ Նա այն ժամանակ քեզնից նրա համար փախավ, որ ինքն էլ գլխի ընկավ, թե որքան ուժգին է սիրում քեզ։ Նրա ուժերից վեր էր քեզ մոտ մնալ։ Դու ահա քիչ առաջ ասացիր, որ ես այն ժամանակ նրան փնտրեցի դտա Մոսկվայում, ճիշտ չէ. նա ինքն ինձ մոտ փախ տվեց քեզնից. «Օր նշանակիր, ասում է, ես պատրաստ եմ։ Շամպայն տուր։ Գնչուների մոտ գնանք»,— բղավում է... Դե եթե ես չլինեի, նա արդեն վաղուց ջուրը նետված կլիներ․ ճիշտ եմ ասում։ Դրա համար էլ չի նետվում, որ ես, գուցե, ջրից էլ սարսափելի եմ։ Ջգրու է ամուսնանում ինձ հետ․․․. Եթե ամուսնանա, ապա ճիշտ եմ ասում, որ ջգրու կամուսնանա։

— Հապա ինչպե՜ս ես դու... ինչպե՜ս ես դու...— գոչեց իշխանը և չավարտեց։ Նա սարսափով նայում էր Ռոգոժինին։

— Էլ ինչո՞ւ չես վերջացնում,— ավելացրեց սա, ատամները ցույց տալով,— ուզո՞ւմ ես ասեմ, թե հենց այս րոպեիս ինքդ քեղ ինչ ես մտածում. «Հիմա ինչպե՞ս պիտի նա սրա հետ ամուսնանա։ Ինչպե՞ս թույլ տամ նրան այդ բանը»։ Հայտնի է, թե ինչ ես մտածում․․․

— Ես դրա համար չէի գալիս այստեղ, Պարֆեն, ասում եմ քեզ, այդ չէր մտքինս․․․

— Այդ կարող է պատահել, որ դրա համար չէիր գալիս և այդ չէր մտքինդ, բայց հիմա արդեն հաստատորեն դարձավ դրա համար, հի՜֊հի՜։ Դե, բավական է։ Ինչո՞ւ այդպես տակնուվրա եղար։ Դե մի՞թե իսկապես չգիտեիր այդ։ Զարմացնում ես ինձ։

— Այդ բոլորը խանդ է, Պարֆեն, այդ բոլորը հիվանդություն է, այդ ամենը դու անսահման չափազանցրիր․․․― քրթմնջաց իշխանը արտակարգ հուզմունքով,— ի՞նչ ես ասում։

— Թող,— ասաց Պարֆենը և իշխանի ձեռքից արագ խլեց դանակը, որ նա վերցրել էր սեղանին գրած գրքի մոտից, և նորից դրեց առաջվա տեղը։

— Ես կարծես գիտեի, երբ մտնում էի Պետերբուրգ, կարծես նախազգում էի․․․— շարունակեց իշխանը,— չէի ուզում այստեղ գալ։ Ես ուզում էի այստեղի ամեն ինչը մոռանալ, դուրս պոկել սրտիցս։ Դե, մնաս բարով․․․ Դե, ի՜նչ ես անում։

Խոսելով, իշխանը ցրվածությամբ նորից էր սեղանի վրայից ձեռքն առել նույն դանակը, և Ռոգոժինը նորից խլեց նրա ձեռքից ու նետեց սեղանին։ Դա բավական հասարակ ձևի դանակ էր, եղջերյա կոթով, չծալվող, մոտ երեք ու կես վերշոկ երկարությամբ ու համապատասխան լայնության շեղբով։

Տեսնելով, որ իշխանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ նրա ձեռքից երկու անգԽմ խլեցին այդ դանակը, Ռոգոժինը չար զայրույթով վերցրեց այն, դրեց գրքի մեջ և գիրքը նետեց մյուս սեղանին։

— Դու սրանով թերթե՞րն ես կտրատում, թե ինչ,— հարցրեց իշխանը, բայց մի տեսակ ցրված, կարծես դեռ շարունակ խիստ մտածմունքի ճնշման ներքո։

— Այո, թերթերը...

— Չէ՞ որ սա այգու դանակ է։

— Այո, այգու է։ Մի՞թե այգու դանակով չի կարելի թերթեր կտրատել։

— Բայց նա... բոլորովին նոր է։

— Հետո՞ ինչ, որ նոր է։ Մի՞թե ես չեմ կարող հենց հիմա նոր դանակ գնել,— ինչ-որ կատաղությամբ վերջապես բղավեց ամեն խոսքի հետ ավելի ևս գրգռվող Ռոգոժինը։

Իշխանը ցնցվեց և ուշադիր նայեց Ռոգոժինին։

— Այ թե գժվեցի՜նք,— ծիծաղեց հանկարծ նա, բոլորովին սթափվելով։— Ներիր ինձ, եղբայր, երբ գլուխս այնպես ծանր է, ինչպես հիմա և այս հիվանդությանը... Ես բոլորովին, բոլորովին դառնում եմ այսպես ցրված ու ծիծաղելի։ Ես բոլորովին էլ դրա մասին չէ, որ ուզում կի հարցնել․․․ չեմ հիշում ինչի մասին։ Մնաս բարով...

— Այդ կողմ չէ,— ասաց Ռոգոժինը։

— Մոռացա։

— Այս կողմ, այս կողմ, գնանք, ես ցույց կտամ։


IV

Գնացին նույն սենյակներով, որոնցով արդեն եկել էր իշխանը. Ռոգոժինը գնում էր փոքր֊ինչ առջևից, իշխանը նրա հետևից։ Մտան մի մեծ դահլիճ։ Այստեղ պատերից կախված էր մի քանի նկար, բոլորը հայրապետների պատկերներ ու բնանկարներ, որոնց վրա ոչինչ չկր կարելի զանազանել։ Դեպի մյուս սենյակը տանող դռան վերև կախված էր իր ձևով բավական տարօրինակ մի նկար, մոտ երկու և կես արշին երկարությամբ և վեց վերշոկից ոչ ավելի բարձրությամբ։ Նա պատկերում էր հենց նոր խաչից հանած փրկչին։ Իշխանը հարևանցի նայեց դրան, կարծես մի բան մտաբերելով, ի դեպ, կանգ չառնելով, ուզում էր դուռն անցնել։ Նրա համար շատ ծանր էր և ուզում էր որքան կարելի է շուտ դուրս գալ այդ տնից։ Բայց Ռոգոժինը հանկարծ կանգ առավ պատկերի առաջ։

― Ահա այստեղի այս բոլոր նկարները,― ասաց նա,— աճուրդով մի ռուբլով ու երկու ռուբլով է գնել հանգուցյալ հայրիկս, նա սիրում էր։ Մի հասկացող մարդ սրանք բոլորը նայեց այստեղ, զիբիլ է, ասում է, իսկ ահա սա, նույնպես երկու ռուբլով գնված՝ դռան վերևի այս նկարը, զիբիլ չէ։ Մեկն էլ գտնվեց, որ դրա համար ծնողիս երեք հարյուր հիսուն ռուբլի էր տալիս, իսկ Սավելևը՝ Իվան Դմիտրիչը, վաճառականներից, մեծ սիրահար է, նա մինչև չորս հարյուր էր տալիս, իսկ անցյալ շաբաթ Սեմյոն Սեմյոնիչ եղբորս արդեն հինգ հարյուր էլ էր առաջարկել։ Ես ինձ պահեցի։

— Ախր սա... Հանս Հոլբեյնի նկարի պատճենն է,― ասաց իշխանը, ուշադիր նայելով նկարին,— ու թեև ես մեծ գիտակ չեմ, բայց կարծես հիանալի պատճեն է։ Ես այս պատկերը արտասահմանում եմ տեսել և մոռանալ չեմ կարող։ Բայց․․ այդ ի՞նչ ես...

Ռոգոժինը հանկարծ պատկերը թողեց ու առաջվա ճանապարհով առաջ գնաց։ Իհարկե, Ռոգոժինի մեջ այդպես անակնկալ հայտնված ցրվածությունն ու առանձնահատուկ, տարօրինակ գրգռված տրամադրությունը, թերևս, կարող էր բացատրել այդ կտրուկ շարժումը, բայց և այնպես իշխանի համար մի տեսակ զարմանալի թվաց, որ այդպես հանկարծ ընդհատվեց խոսակցությունը, որն ինքը չէր սկսել, և որ Ռոգոժինը նույնիսկ չպատասխանեց նրան։

— Իսկ ինչպե՞ս է, Լև Նիկոլաևիչ, վաղուց է ուղում էի քեզ հարցնել, դու աստծուն հավատո՞ւմ ես, թե ոչ,— հանկարծ նորից սկսեց խոսել Ռոգոժինը, մի քանի քայլ անցնելով։

— Ինչ տարօրինակ ես հարցնում և... նայում,— նկատեց իշխանն ակամա։

— Իսկ այդ նկարին ես սիրում եմ նայել,— փոքր-ինչ լռելով, մրթմրթաց Ռոգոժինը, կարծես նորից մոռանալով իր հարցը։

— Այդ նկարի՜ն,— գոչեց հանկարծ իշխանը, մի հանկարծակի մտքի ազդեցության տակ,— այդ նկարի՜ն։ Ախր այդ նկարից ոմանք կարող են հավատն էլ կորցնել։

— Եվ կորչում է,— հանկարծ անսպասելի հաստատեց Ռոգոժինը։ Նրանք արդեն հասել էին ելքի դռանը։

— Ինչպե՞ս թե,— կանգ առավ հանկարծ իշխանը,— ի՞նչ ես ասում։ Ես համարյա կատակ էի անում, իսկ դու այդպես լուրջ։ Եվ ինչո՞ւ ինձ հարցրիր՝ հավատո՞ւմ եմ արդյոք աստծուն։

― Է, ոչինչ, հենց այնպես։ Ես առաջ էլ ուզում էի հարցնել։ Ախր հիմա շատերը չեն հավատում։ Իսկ ճի՞շտ է (դու արտասահմանում ապրել ես), մեկն ինձ հարբած վիճակում ասում էր, թե մեզ մոտ, Ռուսաստանում, ավելի քան բոլոր երկրներում, կան այնպիսիները, որ աստծուն չեն հավատում։ «Մեզ համար, ասում է, դա ավելի հեշտ է, քան նրանց, որովհետև մենք նրանցից առաջ ենք անցել․․․»։

Ռոգոժինը կծու քմծիծաղ տվեց. իր հարցը տալով, նա հանկարծ դուռը բացեց և,փականի կոթը բռնած, սպասում էր, որ իշխանը դուրս գա։ Իշխանը զարմացավ, բայց դուրս եկավ։ Ռոգոժինը հետևից դուրս եկավ սանդուղքի հարթակը և իր հետևից դուռը փակեց։ Երկուսն էլ իրար առաջ կանգնել էին այնպիսի տեսքով, որ թվում է, երկուսն էլ մոռացել էին, թե ուր են եկել և հիմա ինչ պետք է անել։

— Դե, մնաս բարով,— ասաց իշխանը, ձեռքը պարզելով։

— Գնաս բարով,— ասաց Ռոգոժինը, ամուր, բայց բոլորովին մեքենայորեն սեղմելով իրեն պարզած ձեռքը։

Իշխանը մի աստիճան ցած իջավ և շրջվեց։

— Իսկ հավատի վերաբերյալ,— սկսեց նա ժպտալով (ըստ երևույթին չուզենալով անպատասխան թողնել Ռոգոժինի հարցը) և բացի այդ աշխուժանալով մի անակնկալ հիշողության ազդեցության ներքո,— հավատի վերաբերյալ ես անցյալ շաբաթ երկու օրում չորս տարբեր հանդիպումներ ունեցա։ Առավոտյան ճանապարհ էի գնում մի նոր երկաթուղով և մոտ չորս ժամ մի Ս֊ի հետ զրուցեցի վագոնում, հենց այդտեղ էլ ծանոթացա նրա հետ։ Ես առաջ էլ շատ բան էի լսել նրա մասին և, ի միջի այլոց, որպես աթեիստի։ Նա հիրավի շատ գիտուն մարդ է, և ես ուրախացա, որ իսկական գիտնականի հետ եմ խոսելու։ Բացի այդ, նա հազվագյուտ լավ դաստիարակված մարդ է, այնպես որ ինձ հետ խոսում էր ինչպես գիտելիքներով ու հասկացություններով միանգամայն իրեն հավասարի հետ։ Աստծուն նա չի հավատում։ Միայն մի բան ինձ զարմացրեց, որ ամբողջ ժամանակ կարծես թե բոլորովին այն մասին չէր խոսում, և հենց այն պատճառով զարմացրեց, որ առաջ էլ, ինչքան հանդիպել եմ ոչ հավատացյալների և ինչքան այդպիսի գրքեր եմ կարդացել, ինձ շարունակ թվացել է, թե և՛ խոսում, և՛ գրքերում գրում են բոլորովին ոչ այն մասին, թեպետև արտաքուստ թվում է, թե այդ մասին է։ Ես դա նրան հենց այն ժամանակ ասացի, բայց, ըստ երևույթին, անորոշ կամ չկարողացա արտահայտել, որովհետև նա ոչինչ չհասկացավ․․․ Երեկոյան ես իջևանեցի գավառական հյուրանոցում գիշերելու, և այդտեղ հենց նոր մի սպանություն էր պատահել, անցյալ գիշերը, այնպես որ, երբ ես եկա, բոլորն այդ մասին էին խոսում։ Երկու գեղջուկ, և տարիքն առած, և չհարբած, և վաղուց արդեն իրար ծանոթ, բարեկամներ, թեյ են խմել և ուզեցել են միասին, մի խցում քնել։ Բայց վերջին երկու օրը մեկը մյուսի մոտ թաքուն տեսել էր դեղին հուլունքե շղթայով մի արծաթե ժամացույց, որն, ըստ երևույթին, առաջ չէր տեսել։ Այդ մարդը գող չէր, նույնիսկ ազնիվ էր և ըստ գյուղական կենցաղի, բոլորովին աղքատ չէր։ Բայց նրան այնքան էր դուր եկել այդ ժամացույցը և այնքան էր գայթակղել նրան, որ նա, վերջապես, չդիմացավ․ դանակը վերցրեց և, երբ բարեկամը շուռ եկավ, զգուշությամբ նրան մոտեցավ հետևից, նշան բռնեց, աչքերը երկինք հառեց, երեսը խաչ հանեց և, մտքում դառն աղոթք արտասանելով՝ «Տեր, ներիր ի սեր Քրիստոսի», բարեկամին մորթեց մի հարվածով, ինչպես ոչխարի, և ժամացույցը հանեց նրա գրպանից։

Ռոգոժինը ծիծաղից թուլացավ։ Նա այնպես էր հռհոռւմ, կարծես ինչ-որ նոպայի մեջ լիներ։ Նույնիսկ տարօրինակ էր այդ ծիծաղին նայել քիչ առաջվա այդպիսի մռայլ տրամադրությունից հետո։

— Այ դա ես սիրո՜ւմ եմ։ Չէ, ահա դա ամենից լա՜վն է,— բացականչում էր նա ջղաձգաբար, համարյա շնչահեղձ լինելով,— մեկը բոլորովին չի հավատում աստծուն, իսկ մյուսը այնքան է հավատում, որ նույնիսկ մարդկանց մորթում է աղոթքով․․․ Չէ, այդ տեսակ բանը, եղբայր իշխան, հնարել չի լինի՜։ Հա՛֊հա՛-հա՛։ Չէ, դա ամենից լա՜վն է․․․

— Առավոտյան ես քաղաք դուրս եկա մի քիչ թափառելու,— շարունակեց իշխանը, հենց որ Ռոգոժինը դադարեց, թեև ծիծաղը դեռևս ցնցողաբար ու նոպաներով դողում էր նրա շուրթերին,— տեսնեմ տախտակե մայթով քարշ է գալիս բոլորովին խոշտանգված տեսքով մի հարբած զինվոր։ Մոտենում է ինձ. «Ապա, գնիր արծաթե խաչս, ընդամենը քսան կոպեկի եմ տալիս․ արծա՜թ է»։ Տեսնեմ ձեռքին մի խաչ կա, և, ըստ երևույթին, հենց նոր է հանել վզից, երկնագույն, խիստ մաշված ժապավենի վրա, միայն թե իսկական կապարե, առաջին հայացքից էլ երևում է, մեծ չափսի, ութթևանի, լիակատար բյուգանդական գծագրությամբ։ Ես մի քսանկոպեկանոց հանեցի ու նրան տվի, իսկ խաչը տեղնուտեղը վիզս գցեցի, և նրա դեմքից երևում էր, թե որքան գոհ է, որ խաբեց հիմար աղային, և անմիջապես գնաց իր խաչի գինը խմելու, դա արդեն անկասկած էր։ Ես, եղբայր, այն ժամանակ ամենաուժեղ տպավորության տակ էի այն ամենի, որ ուղղակի հորդում էր ինձ վրա Ռուսաստանում. առաջ նրանից ոչինլ չէի հասկանում, մեծանում էի ասես անլեզու և արտասահմանում անցկացրած այս հինգ տարվա ընթացքում նրա մասին հիշում էի մի տեսակ ֆանտաստիկ ձևով։ Ահա գնում եմ ու մտածում․ չէ, դեռ կհամբերեմ դատապարտելու այս խաչավաճառին։ Չէ՞ որ աստված գիտի, թե ինչ կա այդ հարբած ու թույլ սրտերում։ Մի ժամ հետո, հյուրանոց վերադառնալով, հանդիպեցի ծծկեր երեխայով մի կնկա։ Կնիկը դեռ ջահել էր, երեխան մի վեց շաբաթական կլիներ։ Երեխան նրան ժպտաց, ինչպես դիտել էր մայրը, իր ծննդից ի վեր առաջին անգամ։ Տեսնեմ՝ կնիկը հանկարծ այնպես աստվածավախորեն երեսը խաչակնքեց։ «Այդ ինչո՞ւ, ասում եմ, ջահել հարս»։ (Ես ախր այն ժամանակ շարունակ հարցուփորձ կի անում)։ «Ահա, ասում է, ճիշտ էնենց, ոնց որ լինում է մոր ուրախությունը, երբ նա նկատում է իր պստլիկի առաջին ժպիտը, հենց ճիշտ էնենց էլ ուրախանում է աստված, ամեն անգամ, երբ երկնքից տեսնում է, որ մեղավորը իր ամբողջ սրտով աղոթքի է չոքում նրա առաջ»։ Դա ինձ մի կնիկ ասաց, գրեթե հենց այս խոսքերով, և այնպիսի խորունկ, այնպիսի նուրբ ու ճշմարիտ կրոնական միտք, այնպիսի մի միտք, որի մեջ միանգամից արտահայտվեց քրիստոնեության ողջ էությունը, այսինքն՝ ողջ հասկացողությունը այն մասին, թե աստված մեր հարազատ հայրն է և մարդու վրա նա ուրախանում է ինչպես հայրն է ուրախանում հարազատ մանկան վրա, որը Քրիստոսի ամենագլխավոր միտքն է։ Մի հասարա՜կ կնիկ։ Ճիշտ կ, մայր... և, ով գիտի, գուցե այդ կնիկը հենց այն զինվորի կինն էր։ Լսիր, Պարֆեն, դու քիչ առաջ ինձ հարցրիր, ահա իմ պատասխանը. կրոնական զգացմունքի էությունը ոչ մի դատողության, ոչ մի զանցանքի ու հանցագործության և ոչ մի աթեիզմի չի ենթարկվում։ Այստեղ ինչ-որ այն չէ, և միշտ այսպես կլինի․ այստեղ մի այնպիսի բան է, որի վրա միշտ կսայթաքեն աթեիզմները և շարունակ կխոսեն ոչ այն մասին։ Բայց գլխավորն այն է, որ դա ամենից ավելի պարզ և ամենից շուտ կնկատես ռուսական սրտի վրա, ահա իմ եզրակացությունը։ Դա իմ ամենաառաջին համոզմունքներից մեկն է, որ արտաբերում եմ մեր Ռուսաստանից։ Անելու բան շատ կա, Պարֆեն։ Անելու բան կա մեր ռուսական աշխարհում, հավատա՛ ինձ։ Միտքդ բեր, թե ինչպես Մոսկվայում մի ժամանակ հանդիպում ու զրուցում էինք ես ու դու... Եվ հիմա բոլորովին չէի ուզում այստեղ վերադառնալ։ Եվ բոլորովին, բոլորովին այսպես չէի կարծում քեզ հետ հանդիպելիս։ Էհ, ի՛նչ արած․․․ Մնաս բարով, ցտեսություն։ Աստված հետդ լինի։

Նա շուռ եկավ ու սանդուղքով իջավ ցած։

— Լև Նիկոլա՜ևիչ,— վերևից կանչեց Պարֆենը, երբ իշխանը հասավ առաջին սանդղահարթակին,— զինվորից գնած խաչը մո՞տդ է։

— Այո, վզիս է։

Եվ իշխանը նորից կանգ առավ։

— Հապա մի ցույց տուր։

Դարձյալ նոր տարօրինակություն։ Նա մի փոքր մտածեց, վերև բարձրացավ և առանց վզից հանելու իր խաչը ցուցադրեց նրան։

— Ինձ տուր,— ասաց Ռոգոժինը։

— Ինչո՞ւ։ Մի՞թե դու...

Իշխանը չէր ուզենա բաժանվել այդ խաչից։

— Վիզս կգցեմ, իսկ իմը կհանեմ քեզ կտամ, դու կրիր։

— Ուզում ես խաչերս փոխանակե՞նք։ Խնդրեմ, Պարֆեն, եթե այդպես է, ես ուրախ եմ, եղբայրանանք։

Իշխանը հանեց իր կապարե խաչը, Պարֆենը՝ իր ոսկյա, և փոխանակեցին։ Պարֆենը լուռ էր։ Ծանր զարմանքով նկատեց իշխանը, որ առաջվա թերահավատությունը, առաջվա դառն ու գրեթե ծաղրական ժպիտը կարծես դեռևս չէր անցնում նրա եղբայրացուի երեսից, համենայն դեպս որոշ ակնթարթներ խիստ արտահայտվում էր։ Վերջապես Ռոգոժինը լուռ բռնեց իշխանի ձեռքը և միառժամանակ կանգնել էր, մի տեսակ չիմանալով իր ինչ անելը. վերջապես հանկարծ նրան քաշեց իր հետևից, հազիվ լսելի ձայնով արտասանելով. «Գնանք»։ Անցան առաջին հարկի հարթակով և զանգահարեցին իրենց դուրս եկած դռան դիմացի դուռը, որը շուտով բաց արին նրանց առաջ։ Ամբողջովին կորացած ու սևեր հագած, գլուխը թաշկինակ կապած մի պառավ կին լուռ ու խոր գլուխ տվեց Ռոգոժինին. սա շտապ ինչ֊որ բան հարցրեց կնոջը և, կանգ չառնելով պատասխանը լսելու, իշխանին առաջ տարավ սենյակների միջով։ Նորից սկսվեց խավար սենյակների շարք, ինչ֊որ արտասովոր, սառը մաքրությամբ, պաղ ու խիստ, սպիտակ մաքուր ծածկոցներով ծածկված հինավուրց կահ֊կարասիով կահավորված սենյակներ։ Առանց զեկուցելու, Ռոգոժինը իշխանին մտցրեց հյուրասենյակի նմանող մի ոչ մեծ սենյակ, որը կիսված էր կողքերից երկու դուռ ունեցող կարմրափայտ, պսպղուն միջնորմով, որի հետև, հավանաբար, ննջարան էր։ Հյուրասենյակի անկյունում, վառարանի մոտ, բազկաթոռին նստած էր մի փոքրամարմին պառավ, արտաքուստ դեռ չէր կարելի ասել, թե շատ պառավ, նույնիսկ բավական առողջ, հաճելի և կլոր երեսով, բայց արդեն բոլորովին սպիտակահեր և (առաջին հայացքից կարելի էր եզրակացնել) կատարելապես մանկացած։ Նա բրդյա սև զգեստ էր հագել, վզին մի մեծ, սև թաշկինակ, զլխին՝ սև ժապավեններով սպիտակ մաքուր գլխադիր։ Ոտները հենված էին փոքրիկ աթոռակին։ Նրա մոտ գտնվում էր մի ուրիշ մաքրազգեստ պառավ, նրանից մի քիչ ավելի տարեց, նույնպես սգազգեստով և նույնպես սպիտակ գլխադիրով, ըստ երևույթին մի ձրիակյաց կին, և լուռ գուլպա էր գործում։ Ըստ երևույթին նրանք երկուսն էլ շարունակ լուռ էին։ Առաջին պառավը Ռոգոժինին և իշխանին տեսնելով, ժպտաց նրանց և մի քանի անդամ սիրալիր խոնարհեց գլուխը, ի նշան գոհունակության։

— Մայրիկ,— ասաց Ռոգոժինը, համբուրելով նրա ձեռքը,— ահա իմ լավ բարեկամը՝ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկինը. մենք մեր խաչերը փոխանակեցինք. նա մի ժամանակ Մոսկվայում ինձ համար հարազատ եղբոր պես էր, շատ բան արեց ինձ համար։ Օրհնիր նրան, մայրիկ, ինչպես հարազատ որդուդ կօրհնեիր։ Կաց, պառավ, ահա այսպես, սպասիր մատներդ միացնեմ․․․

Բայց պառավը, մինչև Պարֆենը կհասցներ բռնել, բարձրացրեց իր աջ ձեռքը, երեք մատը միացրեց և երեք անգամ աստվածավախորեն խաչակնքեց իշխանին։ Ապա մի անգամ ևս սիրալիր ու քնքուշ գլուխ տվեց նրան։

— Դե, գնանք, Լև Նիկոլաևիչ,— ասաց Պարֆենը,— ես միայն դրա համար բերի քեզ...

Երբ նորից դուրս եկան սանդուղք, նա ավելացրեց.

— Ահա նա ախր ոչինչ չի հասկանում, թե ինչ են ասում, և ոչինչ չհասկացավ իմ բոլոր խոսքերից, իսկ քեզ օրհնեց, նշանակում է, ինքն ուզեց... գնաս բարով, ինձ էլ, քեզ էլ ժամանակն է։

Եվ նա բաց արեց դուռը։

— Թույլ տուր գոնե գրկեմ քեզ հրաժեշտի ժամին, տարօրինակ մարդ,— գոչեց իշխանը, քնքուշ կշտամբանքով նայելով նրան, և ուզում էր փարվել։ Բայց Պարֆենը հազիվ էր բարձրացրել ձեռքերը, որ իսկույն նորից ցած գցեց, նա սիրտ չէր անում, նա շուռումուռ էր գալիս, որպեսզի չնայեր իշխանին։ Նա չէր ուզում փարվել նրան։

— ՄԻ՛ վախենա։ Թեև քո խաչն առա, բայց ժամացույցի համար չե՜մ մորթի,— անորոշ քրթմնջաց նա, հանկարծ մի տեսակ տարօրինակ ծիծաղելով։ Բայց հանկարծ նրա ամբողջ դեմքը այլափոխվեց, նա սարսափելի գունատվեց, շրթունքները դողդողացին, աչքերը բոցավառվեցին։ Նա ձեռքերը բարձրացրեց, ամուր գրկեց իշխանին և, շնչահեղձ լինելով, ասաց.

— Ա՛ռ նրան, եթե ճակատագիրդ է։ Քո՜նն է։ Զիջում եմ հիշի՜ր Ռոգոժինին։

Եվ թողնելով իշխանին, առանց նրան նայելու, շտապ ներս մտավ և իր հետևից շրխկացրեց դուռը։


V

Արդեն ուշ էր, համարյա երեքի կեսը, և իշխանը Եպանչինին տանը չգտավ։ Այցետոմսը թողնելով, նա վճռեց գնալ «Վեսի» հյուրանոցը և այնտեղ հարցնել Կոլյայի մասին, իսկ եթե նա այնտեղ չլինի, տոմսակ թողնել։ «Վեսի»-ում նրան ասացին, որ Նիկոլայ Արդալիոնովիչը «դուրս է գնացել դեռևս առավոտյան, բայց գնալիս նախազգուշացրել է, որ եթե պատահմամբ որևէ մեկը գա իրեն հարցնի, ապա հայտնեն, որ նա գուցե ժամը երեքի մոտ կգա։ Իսկ եթե մինչև չորսի կեսը այստեղ չլինի, նշանակում է գնացքով Պավլովսկ է գնացել, տիկին Եպանչինայի ամառանոցը, և այնտեղ էլ, կնշանակի, կճաշի»։ Իշխանը նստեց սպասելու և, ի դեպ, ճաշ պահանջեց իր համար։

Ժամը չորսի կեսին և նույնիսկ չորսին մոտ Կոլյան չհայտնվեց։ Իշխանը դուրս եկավ և մեքենայորեն քայլերն ուղղեց ուր որ պատահի։ Ամռան սկզբին Պետերբուրգում երբեմն պատահում են սքանչելի օրեր՝ պայծառ, շոգ, խաղաղ։ Կարծես դիտմամբ այդ օրը այդպիսի հազվադեպ օրերից մեկն էր։ Միառժամանակ իշխանը թափառում էր աննպատակ։ Քաղաքը նրան քիչ էր ծանոթ։ Նա երբեմն կանգ էր առնում փողոցների խաչմերուկներում, որոշ տների առաջ, հրապարակներում, կամուրջների վրա, մի անգամ մտավ մի հրուշակարան հանգստանալու։ Երբեմն մեծ հետաքրքրությամբ սկսում էր դիտել անցորդներին. բայց ամենից հաճախ չէր նկատում ոչ անցորդներին, ոչ այն, թե ինքը որտեղով է անցնում։ Նա տանջալից լարման ու անհանգստության մեջ էր և միաժամանակ առանձնանալու արտակարգ պահանջ էր զգում։ Նա ուզում էր մենակ լինել և անձնատուր լինել այդ ողջ տառապալից լարվածությանը բոլորովին կրավորական ձևով, չորոնելով ամենափոքր իսկ ելք։ Նա նողկանքով խուսափում էր իր հոգին ու սիրտը հորդած հարցերի լուծումից։ «Ի՛նչ, մի՞թե ես մեղավոր եմ այս ամենի մեջ»,— քրթմնջում էր նա ինքն իրեն, գրեթե չգիտակցելով իր խոսքերը։

Ժամը վեցի մոտ նա հայտնվեց Ցարսկոսելսկի երկաթուղու կառամատույցում։ Միայնությունը շուտով նրա համար անտանելի դարձավ. մի նոր ավյուն համակեց նրա սիրտը և մի վայրկյան պայծառ լույսով լուսավորեց խավարը, որի մեջ թախծում էր նրա հոգին։

Նա Պավլովսկի տոմս վերցրեց և անհամբերությամբ շտապում էր մեկնել, բայց, իհարկե, նրան ինչ֊որ բան հետապնդում էր, և դա իրողություն էր, այլ ոչ թե ֆանտազիա, ինչպես, թերևս, նա հակված էր մտածել։ Գրեթե արդեն գնացք նստելով, նա հանկարծ հենց նոր վերցրած տոմսը գցեց հատակին և ետ վերադարձավ կայարանից, շփոթված ու մտախոհ։ Որոշ ժամանակ անց, փողոցում, նա կարծես ինչ֊որ բան մտաբերեց, կարծես հանկարծակի մի բան հասկացավ, շատ տարօրինակ բան, որ արդեն շատ երկար նրան անհանգստացնում էր։ Նա հանկարծ գիտակցաբար իրեն բռնեց արդեն վաղուց շարունակվող մի զբաղմունքի մեջ, որը սակայն ինքը չէր նկատում մինչ այդ վայրկյանը. ահա արդեն մի քանի ժամ էր, նույնիսկ դեռ «Վեսի»֊ում, կարծես նույնիսկ մինչև «Վեսի»-ն, մեկ էլ տեսար, նա կարծես հանկարծ սկսում էր իր շուրջը ինչ֊որ բան որոնել։ Եվ նույնիսկ կմոռանար երկար ժամանակ, մոտ կես ժամ, և հանկարծ նորից անհանգստացած շուրջն էր նայում ու փնտրում։

Բայց հենց որ նա իր մեջ նկատեց այդ հիվանդագին և մինչև հիմա միանգամայն անգիտակից շարժումը, որն այնքան վաղուց տիրել էր նրան, հանկարծ նրա առաջ առկայծեց մի այլ հիշողություն ևս, որը չափազանց հետաքրքրեց նրան. նա հիշեց, որ այն րոպեին, երբ ինքը նկատեց, որ շարունակ ինչ-որ բան է որոնում իր շուրջը, նա կանգնած էր մայթին մի խանութի մոտ և մեծ հետաքրքրությամբ դիտում էր լուսամուտում ցուցադրված ապրանքը։ Նա հիմա ուզեց անպայման ստուգել, արդյոք իսկապե՞ս նա հիմա, գուցե ընդամենը հինգ րոպե առաջ կանգնել էր այդ կրպակի լուսամուտի առաջ, արդյոք աչքին չէ՞ր երևացել, մի բան չէ՞ր շփոթել։ Իրականում գոյություն ունի՞ արդյոք այդ կրպակը և այդ ապրանքը։ Չէ՞ որ հիրավի նա այսօր իրեն զգում է առանձնապես հիվանդագին տրամադրության մեջ, գրեթե այնպիսի, ինչպես լինում էր առաջ, իր առաջվա հիվանդության նոպաները սկսվելու պահին։ Նա գիտեր, որ այդպիսի նոպայի ժամանակ ինքը լինում է չափազանց ցրված, և նույնիսկ հաճախ խառնում է առարկաներն ու դեմքերը, եթե դրանց նայում է առանց բացառիկ լարված ուշադրության։ Հայց և հատուկ պատճառ կար, որի համար նա այնպես սաստիկ ցանկացավ ստուգել, թե արդյոք ինքը կանգնե՞լ էր կրպակի առաջ. կրպակի լուսամուտում ցուցադրված իրերի շարքում մի բան կար, որին նա նայել էր և նույնիսկ գնահատել վաթսուն կոպեկ արծաթով, նա այդ հիշում էր, չնայած իր ամբողջ ցրվածությանն ու տագնապին։ Հետևաբար, եթե այդ կրպակը գոյություն ունի և եթե այդ իրը մյուս ապրանքների հետ իրոք ցուցադրված է, ապա նշանակում է, հենց այդ իրի համար էր կանգ առնում։ Նշանակում է այդ առարկան նրա համար այնպիսի ուժգին հետաքրքրություն էր պարունակում իր մեջ, որ նրա ուշադրությունը գրավեց նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը գտնվում էր այնպիսի ծանր հուզմունքի մեջ, երկաթուղու կայարանից հենց նոր դուրս գալիս։ Նա քայլում էր, գրեթե անձկությամբ նայելով դեպի աջ, և նրա սիրտը տրոփում էր անհանգիստ անհամբերությունից։ Բայց ահա այդ կրպակը, վերջապես գտա՜վ։ Նա արդեն հինգ հարյուր քայլի վրա էր այդ կրպակից, երբ մտածեց ետ վերադառնալ։ Ահա և այդ առարկան, վաթսուն կոպեկի արժողությամբ. «Իհարկե, վաթսուն կոպեկ, ավելին չարժե»,— հաստատեց նա հիմա ու ծիծաղեց։ Բայց ծիծաղեց հիստերիկաբար․ նա շատ ծանր զգաց։ Նա հիմա պարզ հիշեց, որ հենց այստեղ, այս լուսամուտի առաջ կանգնած, հանկարծ շուռ եկավ, ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ, երբ իր վրա բռնեց Ռոգոժինի հայացքը։ Համոզվելով, որ չի սխալվել (որում, ի դեպ, մինչև ստուգելն էլ համոզված էր), նա կրպակը թողեց ու արագ հեռացավ նրանից։ Այս ամենը պետք է արագ կշռադատել, անպայման, հիմա պարզ էր, որ կայարանում էլ նրա աչքին չէր երևացել, որ նրան անպայման իրական և անպայման նրա այդ ամբողջ առաջվա անհանգստության հետ կապված մի բան էր պատահել։ Բայց ինչ-որ ներքին անհաղթահարելի նողկանք նորից գերակշռեց. նա չուզեց ոչինչ կշռադատել, չսկսեց կշռադատել. նա խորասուզվեց բոլորովին այլ մտքերի մեջ։

Նա սկսեց խորհել, ի միջի այլոց, այն մասին, որ իր էպիլեպտիկ վիճակում մի աստիճան կար գրեթե նոպայից անմիջապես առաջ (եթե միայն նոպան բռնում էր հարթմնի), երբ հանկարծ անձկության, հոգեկան խավարի, ճնշման մեջ, որոշ վայրկյաններ կարծես բոցավառվում էր նրա ուղեղը և անսովոր պոռթկումով միանգամից լարվում էին նրա բոլոր կենսական ուժերը։ Կյանքի, ինքնագիտակցության զգացողությունը գրեթե տասնապատկվում էր կայծակի տևողություն ունեցող այդ վայրկյաններին։ Միտքը, սիրտը լուսավորվում էին անսովոր լույսով, նրա բոլոր հուզումները, բոլոր կասկածները, բոլոր անհանգստությունները կարծես միանգամից խաղաղվում էին, վերծանում էին որպես ինչ֊որ գերագույն հանգստություն, լի պայծառ, ներդաշնակ ուրախությամբ ու հույսով, լի բանականությամբ ու վերջնական պատճառով։ Բայց այդ պահերը, այդ փայլատակումները դեռ միայն նախազգացումն էին այն վերջնական վայրկյանի (երբեք վայրկյանից ոչ ավելի), որից սկսվում էր բուն նոպան։ Այդ վայրկյանն, իհարկե, անտանելի էր։ Այդ ակնթարթի մասին խորհելով հետո, արդեն առողջ վիճակում, նա հաճախ ասում էր ինքն իրեն. չէ՞ որ բարձրագույն ինքնազգացողության և ինքնագիտակցության, ուրեմն նաև «բարձրագույն կեցության» այդ բոլոր կայծակներն ու փայլատակումները, ոչ այլ ինչ են, քան հիվանդություն, քան նորմալ վիճակի խախտում, իսկ եթե այդպես է, ապա դա բոլորովին էլ ոչ թե բարձրագույն կեցություն է, այլ ընդհակառակը, պետք է դասել ամենաստոր կեցության շարքը։ Եվ սակայն, այնուամենայնիվ նա վերջապես հանգեց մի չափազանց պարադոքսային եզրակացության. «Ի՞նչ անենք, որ դա հիվանդություն է,— վերջապես վճռեց նա,— ի՞նչ գործ ունենք նրա հետ, որ դա աննորմալ լարում է, եթե բուն արդյունքը, եթե զգացողության րոպեն, որ հիշողությանդ մեջ է մտնում և քննարկվում է արդեն առողջ վիճակում, հանդիսանում է վերին աստիճանի ներդաշնակություն, գեղեցկություն, տալիս է մինչ այդ չլսված, անակնկալ լիակատարության, չափի, հաշտության ու կյանքի ամենաբարձրագույն սինթեզի հետ զմայլելի աղոթական ձուլման զգացողություն»։ Այդ մշուշապատ արտահայտությունները իրեն թվում էին շատ հասկանալի, թեև դեռ շատ թույլ։ Իսկ այն, որ դա իրոք «գեղեցկություն ու աղոթք», է, որ դա իրոք «կյանքի բարձրագույն սինթեզ» է, դրանում նա կասկածել չէր կարող, և չէր էլ կարող թույլ աալ կասկածելու։ Չէ՞ որ այդ պահին ինչ-որ աննորմալ ու անգո տեսիլներ չէին գալիս նրա երազում, ինչպես հաշիշի, օպիումի կամ գինու ազդեցությունից է լինում, որոնք ոչնչացնում են բանականությունը և աղավաղում հոգին։ Դրա մասին նա կարող էր առողջ ղատել հիվանդագին վիճակն անցնելուց հետո։ Այդ ակնթարթները լոկ ինքնագիտակցության արտասովոր ճիգեր էին,— եթե պետք լիներ այդ վիճակն արտահայտել մի խոսքով,— վերին աստիճանի անմիջական ինքնագիտակցության և միևնույն ժամանակ ինքնազգացողության ակնթարթներ։ Եթե այդ վայրկյանին, այսինքն՝ նոպայից ամիջապես առաջ ամենավերջին գիտակից պահին, պատահում էր, որ նա հասցներ պարզ ու գիտակցորեն ինքն իրեն ասել․ «Այո, հանուն այս պահի արժե տալ ողջ կյանքդ», ապա, իհարկե, այդ պահն ինքնըստինքյան հենց արժեր ողջ կյանքը։ Ասենք, նա չէր պաշտպանում իր եզրակացության դիալեկտիկական մասը, որպես վառ հետևանք այդ «բարձրագույն րոպեների», նրա առաջ կանգնած էին բթացումը, հոգեկան խավարը, ապուշությունը։ Հասկանալի է, նա լրջորեն չէր վիճաբանի։ Եզրակացության, այսինքն՝ այդ րոպեի գնահատման մեջ, անկասկած, սխալ կար, բայց զգացողության իրական լինելը, այնուամենայնիվ, մի փոքր շփոթեցնում էր նրան։ Իսկապես, ինչպե՞ս վարվեր իրականության հետ։ Չէ՞ որ այդ լինում էր, չէ՞ որ նա ինքը հասցնում էր բուն այդ վայրկյանին ասելու իրեն, որ իր կողմից լիովին զգացվող անսահման երջանկության այդ ակնթարթը, իսկապես որ կարող էր արժել ողջ կյանքը։ «Այդ պահին,— ինչպես մի անգամ ասում էր նա Ռոգոժինին, Մոսկվայում, իրենց այնտեղի հանդիպումների ժամանակ,— այդ պահին ինձ համար մի տեսակ հասկանալի է դառնում արտասովոր խոսքն այն մասին, թե ժամանակն այլևս չի լինի»։ «Հավանաբար,— ավելացրեց նա ժպտալով,— դա նույն այն վայրկյանն է, որում չի հասցրել թափվել ընկնավոր Մահմեդի շուռ տված ջրով կուժը, սակայն նույն այդ վայրկյանին Մահմեդը հասցրել է տեսնել ալլահի բոլոր օթևանները»։ Այո, Մոսկվայում հաճախ էին հանդիպում նա ու Ռոգոժինը և խոսում էին ոչ միայն դրա մասին։ «Ռոգոժինը քիչ առաջ ասաց, որ այն ժամանակ ես նրա համար եղբայր եմ եղել, նա այդ առաջին անգամ այսօր ասաց»,— մտածեց իշխանն իր մեջ։

Նա այդ մասին մտածեց ամառային այգում, նստարանի վրա, ծառի տակ նստած։ Ժամը յոթին մոտ էր։ Այգին դատարկ էր։ Մի ակնթարթ ինչ֊որ մռայլ բան պարուրեց արևը։ Տոթ էր. նման էր փոթորկի հեռավոր նախանշանի։ Իր այժմյան հայեցողական վիճակում նրա համար ինչ֊որ հրապուրիչ բան կար։ Նա հիշողություններով ու մտքով փակչում էր ամեն մի արտաքին առարկայի, և դա նրան դուր էր գալիս․ նա շարունակ ուզում էր ինչ֊որ իրական, կենսականորեն անհրաժեշտ բան մոռանալ, բայց իր շուրջը գցած առաջին իսկ հայացքից անմիջապես, նորից տեսնում էր իր մռայլ միտքը, մի միտք, որից այնքան ուզում էր ազատվել։ Նա հիշեց, որ քիչ առաջ ճաշի ժամանակ պանդոկի սպասավորների հետ խոսում էր նորերս տեղի ունեցած մի շատ տարօրինակ սպանության մասին, որը շատ աղմուկ ու խոսակցություն էր առաջացրել։ Բայց հենց որ դրա մասին հիշեց, նրան հանկարծ նորից ինչ֊որ առանձնահատուկ բան պատահեց։

Արտակարգ, անդիմադրելի ցանկությունը, գրեթե գայթակղությունը հանկարծ կաշկանդեցին նրա ողջ կամքը։ Նա նստարանից վեր ելավ և այգուց գնաց ուղղակի Պետերբուրգյան կողմը։ Քիչ առաջ Նևայի մերձափնյա փողոցում, ինչ-որ անցորդի նա խնդրել էր, որ Նևայի վրայով նրան ցույց տար Պետերբուրգյան կողմը։ Նրան ցույց տվին, բայց այն ժամանակ նա չգնաց այնտեղ։ Եվ բոլոր դեպքերում այսօր այնտեղ գնալու կարիք չկար. նա գիտեր այդ։ Հասցեն վաղուց ուներ. նա հեշտությամբ կարող էր գտնել Լեբեդևի աղգականուհու տունը, բայց նա գրեթե հաստատ գիտեր, որ նրան տանը չի գտնի։ «Անպայման մեկնել է Պավլովսկ, այլապես Կոլյան որևէ բան թողած կլիներ «Վեսի»֊ում, ինչպես պայմանավորվել էինք»։ Այսպիսով, եթե նա հիմա գնում էր, ապա, իհարկե, ոչ նրա համար, որ այդ աղգականուհուն տեսներ։ Մի ուրիշ մռայլ, տանջալից հետաքրքրութչուն էր գայթակղում նրան։ Մի նոր, անակնկալ միտք էր անցել նրա գլխով․․․

Բայց նրա համար արդեն ավելի քան հերիք էր այն, որ գնաց և գիտեր, թե ուր է գնում. մի րոպե անց նա արդեն նորից գնում էր, գրեթե չնկատելով իր ճանապարհը։ Իր «անակնկալ միտքը» կշռադատելը իսկույն նրա համար անասելի տհաճ և գրեթե անկարելի դարձավ։ Նա տանջալիորեն լարվող ուշադրությամբ նայում էր աչքովն ընկած ամեն բանի, նայում էր երկնքին, Նևային։ Նա խոսքի բռնվեց հանդիպած փոքրիկ երեխայի հետ։ Գուցե և նրա էպիլեպտիկ վիճակը գնալով ավելի սաստկանում էր։ Փոթորիկը, կարծես, իրոք մոտենում էր, թեև դանդաղ։ Շատ տոթ էր դառնում...

Չգիտես ինչու հիմա նրա միտն էր գալիս, ինչպես երբեմն մարդու միտն է գալիս դադար չտվող և հիմարության աստիճան ձանձրացրած երաժշտական եղանակը, Լեբեդևի քրոջ որդին, որին նա տեսել էր քիչ առաջ։ Տարօրինակն այն է, որ այդ տղան նրա միտն էր գալիս որպես այն մարդասպանը, որի մասին այն ժամանակ հիշատակեց Լեբեդևն ինքը, իր քրոջ որդուն իշխանին ներկայացնելիս։ Այո, այդ մարդասպանի մասին նա կարդացել էր բոլորովին նորերս։ Շատ էր կարդացել ու լսել այդպիսի բաների մասին այն ժամանակից ի վեր, ինչ մտել էր Ռուսաստան, նա համառորեն հետևում էր այդ ամենին։ Իսկ քիչ առաջ սպասավորի հետ ունեցած խոսակցության ժամանակ նույնիսկ չափազանց հետաքրքրվեց հատկապես հենց Ժեմարինների այդ սպանությամբ։ Սպասավորը նրա հետ համաձայնեց, իշխանը դա հիշեց։ Մտաբերեց նաև սպասավորին. դա խելքը գլխին տղա էր, լուրջ և զգուշավոր, բայց, «ասենք, աստված գիտի, թե ինչպիսին էր։ Դժվար է նոր երկրում նոր մարդկանց մասին կարծիք կազմելը»։ Սակայն նա սկսել էր կրքոտ կերպով հավատալ ռուսական հոգուն։ Օ, այդ վեց ամիսների ընթացքում նա իր համար շատ, շատ նոր բան գտավ և անակնկալ, և չլսված, և անսպասելի։ Բայց ուրիշի հոգին մութ խորան է, ռուսական հոգին էլ մութ խորան է. շատերի համար է մութ խորան։ Ահա նա երկար ժամանակ մտերիմ էր Ռոգոժինի հետ, սերտ մտերմություն ուներ, «եղբայրաբար» մտերիմ էին, իսկ ճանաչո՞ւմ է արդյոք Ռոգոժինին։ Բայց երբեմն այստեղ, այս ամենի մեջ ինչպիսի՜ քաոս, ինչպիսի՜ խառնաշփոթություն, ինչպիսի՜ այլանդակություն կա։ Եվ, այսուհանդերձ, ի՜նչ զզվելի և ինքնագոհ ելունդ է Լեբեդևի քիչ առաջվա այդ քրոջորդին։ Բայց ասենք, այս ի՛նչ եմ անում (շարունակում էր մտածել իշխանը), մի՞թե նա է սպանել այդ էակներին, այդ վեց հոգուն։ Ես կարծես թե խառնում եմ... ինչ տարօրինակ է սա։ Գլուխս մի քիչ պտտվում է։ Իսկ ի՜նչ համակրելի, ինչ հաճելի դեմք ունի Լեբեդևի մեծ աղջիկը, այ նա, որը կանգնել էր երեխան գրկին, ինչպիսի անմեղ, ինչպիսի գրեթե մանկական արտահայտություն և ինչպիսի գրեթե մանկական ծիծաղ։ Տարօրինակ է, որ նա մոռացել էր այդ դեմքր և միայն նոր հիշեց նրա մասին։ Նրանց վրա ոտները դոփող Լեբեդևը հավանաբար նրանց բոլորին պաշտում է։ Բայց ինչը ամենից հաստատ է, ինչպես երկու անգամ երկուսը, այդ այն է, որ նա պաշտում է նաև իր քրոջորդուն։

Սակայն ի՞նչ է ինքը հանձն առնում այդպես վերջնական դատել նրանց, ինքը, որ այսօր է հայտնվել, ի՞նչ է այդպիսի դատավճիռներ կայացնում։ Ահա Լեբեդևը այսօր խնդիր դրեց նրա առաջ. մի՞թե ինքը այդպիսի Լեբեդև սպասում էր։ Մի՞թե նա առաջ ճանաչում էր այդպիսի Լեբեդևի։ Լեբեդև ու Դյուբարրի, տե՜ր աստված։ Ասենք, եթե Ռոգոժինը սպանի, ապա, համենայն դեպս, այդպես անկարգ չի սպանի։ Այդ քաոսը չի լինի։ Ըստ գծագրի պատվիրած գործիք և իսկական զառանցանքի մեջ սպանած վեց հոգի։ Մի՞թե Ռոգոժինը ըստ գծագրի պատվիրած գործիք ունի... նա... բայց... մի՞թե վճռված է, որ Ռոգոժինը կսպանի,― ցնցվեց հանկարծ իշխանը։ «Հանցանք չէ՞ արդյոք, ստորություն չէ՞ արդյոք իմ կողմից այսպես ցինիկորեն֊անկեղծ այսպիսի ենթադրություն անելը»,― գոչեց նա և միանգամից նրա դեմքը ամոթից կարմրեց։ Նա զարմացած էր. նա արձանի պես կանգ էր առել ճանապարհին։ Նա միանգամից մտաբերեց և քիչ առաջվա Պավլովսկյան կայարանը, և քիչ առաջվա Նիկոլաևյան կայարանը, և աչքերի մասին ուղղակի Ռոգոժինի երեսին արած հարցը, և Ռոգոժինի խաչը, որը հիմա իր վզին է, և նրա մոր օրհնությունը, որի մոտ հենց Պարֆենն ինքը տարավ նրան, և վերջին ջղաձիգ փարումը, Ռոգոժինի վերջին հրաժարումը, քիչ առաջ, սանդուղքի վրա,— և այս ամենից հետո ինքն իրեն բռնում է շարունակ իր շուրջը ինչ֊որ բան որոնելու վրա, և այդ կրպակը, և այդ առարկան... ի՜նչ ստորություն։ Եվ այս ամենից հետո նա գնում է «հատուկ նպատակով», հատուկ «անակնկալ մտքո՜վ»։ Հուսահատությունն ու տառապանքը պատեցին նրա ողջ հոգին։

Իշխանն ուզում էր անմիջապես ետ վերադառնալ իր հյուրանոցը. նույնիսկ շուռ եկավ ու գնաց, բայց մի րոպե անց կանգ առավ, մտմտաց և նորից վերադարձավ առաջվա ճանապարհով։

Ասենք նա արդեն հենց Պետերբուրգյան կողմում էր, նա մոտիկ էր տանը, չէ՞ որ հիմա առաջվա նպատակով չի գնում այնտեղ, չէ՞ որ «հատուկ մտքով» չի գնում։ Եվ ինչպե՜ս կարող էր դա լինել։ Այո, նրա հիվանդությունը վերադառնում է, դա անկասկած է. կարող է պատահել նոպան կբռնի անպայման այսօր։ Հենց նոպայի պատճառով է այս ողջ խավարը, հենց նոպայի պատճառով է այդ «միտքը»։ Հիմա խավարը փարատված է, դևը վտարված, կասկածները գոյություն չունեն, նրա սրտում ուրախություն է։ Եվ ինքը այնքան վաղուց չի տեսել նրան, ինքը պետք է տեսնի նրան, և... այո, նա կուզենար հիմա հանդիպել Ռոգոժինին, նա կբռներ նրա ձեռքից և միասին կերթային... Իր սիրտը մաքուր է․ մի՞թե ինքը Ռոգոժինին ախոյան է։ Վաղը նա ինքը կգնա և Ռոդոժինին կասի, որ տեսել է նրան։ Չէ՞ որ այստեղ էր թռչում, ինչպես քիչ առաջ ասել էր Ռոգոժինը, միայն նրան տեսնելու համար։ Գուցե և տանը գտնի նրան, հո հաստատապես Պավլովսկում չի նա։

Այո, պետք է, որ հիմա այդ ամենը պարզ դրված լինի, որպեսզի բոլորը պարզ կարդան միմյանց հոգում գրվածը, որպեսզի չլինեն այդ մռայլ ու բուռն հրաժարումները, ինչպես քիչ առաջ հրաժարվեց Ռոգոժինը, և թող այդ բոլորը կատարվի ազատ ու... լուսավոր։ Մի՞թե Ռոգոժինը ընդունակ չէ լույսի։ Նա ասում է, որ ինքը այնպես չի սիրում, որ իր մեջ կարեկցություն չկա, «ոչ մի այդպիսի խղճահարություն» չկա։ Ճիշտ է, նա հետո ավելացրեց, որ «քո խղճահարությունը, կարող է պատահել, ավելի ուժգին է իմ սիրուց»,— բայց նա ամբաստանում է ինքն իրեն։ Հը՛մ, Ռոգոժինը գի՞րք կարդա, մի՞թե արդեն սա «խղճահարություն» չէ, «խղճահարության» սկիզբը չէ։ Մի՞թե այդ գրքի լոկ ներկայությունը չի ապացուցում, որ Ռոգոժինը լիովին գիտակցում է իր վերաբերմունքը դեպի նա։ Իսկ նրա քիչ առաջվա պատմությո՞ւնը։ Ոչ, դա ավելի խորն է լոկ միայն կրքոտությունից։ Եվ մի՞թե միայն կրքոտություն է հարուցում նրա դեմքը։ Նա հարուցում է տառապանք, նա համակում է մարդու ողջ հոգին, նա․․․ և հանկարծ այրող, տանջալից հիշողությունն անցավ իշխանի սրտով։

Այո, տանջալից։ Նա հիշեց, թե ինքը դեռ նորերս ինչպես էր տանջվում, երբ առաջին անգամ նրա մեջ սկսեց նկատել խելագարության նշաններ։ Այն ժամանակ նա գրեթե հուսահատություն զգաց։ Եվ ինչպե՞ս կարող էր ինքը թողնել նրան, երբ նա այն ժամանակ իր մոտից փախավ Ռոգոժինի մոտ։ Պետք է որ իշխանն ինքը վազեր նրա հետևից, և ոչ թե սպասեր լուրերի։ Բայց․․․ մի՞թե Ռոգոժինը մինչև հիմա նրա մեջ խելագարությունը չի նկատել... Հը՛մ․․․ Ռոգոժինը ամեն ինչում տեսնում է ուրիշ պատճառներ, կրքի պատճառներ։ Եվ ինչպիսի՜ խելահեղ խանդ։ Նա ի՞նչ էր ուզում ասել իր քիչ առաջվա ենթադրությամբ։ (Իշխանը հանկարծ շիկնեց, և կարծես թե նրա սրտում ինչ-որ բան դողաց)։

Ասենք, ի՞նչ կարիք կա հիշել այդ մասին։ Այստեղ խելագարությունը երկու կողմից է։ Իսկ նրա՝ իշխանի կողմից գրեթե անիմաստ, գրեթե դաժանություն, անմարդկայնություն կլիներ կրքոտ սիրով այդ կնոջը սիրելը։ Այո, այո՜։ Ոչ, Ռոգոժինն ամբաստանում է ինքն իրեն, նա հսկա սիրտ ունի, որը կարող է և տառապել, և կարեկցել։ Երբ իմանա ամբողջ ճշմարտությունը և երբ համոզվի, թե ինչ խղճուկ արարած է այդ խախտվածը, խելագարը, այն ժամանակ մի՞թե նրան չի ների ամբողջ առաջվանը, իր բոլոր տանջանքները։ Մի՞թե չի դառնա նրա ծառան, եղբայրը, բարեկամը, նախախնամությունը։ Կարեկցությունը կիմաստավորվի ու կուսուցանի Ռոգոժինին իրեն։ Կարեկցությունը ամբողջ մարդկության կեցության ամենագլխավոր և, թերևս, միակ օրենքն է։ Օ՜, ինչպես ինքը աններելիորեն ու անազնիվ կերպով մեղավոր է Ռոգոժինի առաջ։ Ոչ, ոչ թե «ռուսական հոդին է խավար», այլ հենց իր հոգում է խավար, եթե ինքը կարող էր այդպիսի սարսափելի բան երևակայել։ Մոսկվայում ասած մի քանի ջերմ ու սրտալի խոսքի համար Ռոդոժինն արդեն նրան իր եղբայրն է անվանում, իսկ ինքը․․․ Բայց սա հիվանդություն ու զառանցանք է։ Այս բոլորը կվերջանա... Ի՜նչ մռայլ ասաց այն ժամանակ Ռոգոժինը, թե «կորչում է իր հավատը»։ Պետք է որ այդ մարդը սաստիկ տառապելիս լինի։ Նա ասում է, որ «սիրում է նայել այդ պատկերին. չի սիրում, այլ, նշանակում է, պահանջ է զգում։ Ռոգոժինը ոչ միայն կրքոտ հոգի է. նա այնուամենայնիվ մարտիկ է. նա ուզում է ուժով վերադարձնել իր կորցրած հավատը։ Դա հիմա նրան տանջալիորեն պետք է... Այո, որևէ բանի հավատալ, որևէ մեկին հավատալ։ Սակայն ինչ տարօրինակ նկար է Հոլբեյնի այդ նկարը... Ահա և այդ փողոցը։ Ըստ երևույթին, ահա և տունը, այդպես է որ կա, 16, «կոլեգիական քարտուղարի կին Ֆիլիսովայի տունը։ Այստե՜ղ է»։ Իշխանը զանդահարեց և հարցրեց Նաստասյա Ֆիլիպովնայի մասին։

Տանտիրուհին ինքը պաաասխանեը նրան, որ Նաստասյա Ֆիլիպովնան դեռ առավոտվանիը մեկնել է Պավլովսկ Դարյա Ալեքսեևնայի մոտ «և նույնիսկ կարող է պատահել, որ մի քանի օր այնտեղ մնա»։ Ֆիլիսովան մոտ քառասուն տարեկան, փոքրամարմին, սրաչք ու սրադեմ մի կին էր և նայում էր խորամանկ և ուշադիր։ Անվան մասին նրա տված հարցին, հարց, որին նա կարծես դիտավորյալ խորհրդավորության երանգ տվեց, իշխանը սկզբում չուզեց պատասխանել, բայը անմիջապես ետ վերադարձավ և համառորեն խնդրեց Նաստասյա Ֆիլիպովնային հաղորդել իր անունը։ Ֆիլիսովան այդ համառությունն ընդունեց սաստկացած ուշադրությամբ և արտասովոր գաղտնապահ տեսքով, որով ըստ երևույթին ուզում էր ասել, թե «մի անհանգստացեք, ես հասկացա»։ Ըստ երևույթին, իշխանի անունը շատ ուժեղ տպավորություն գործեց։ Իշխանը ցրված տեսքով նայեց նրան, շուռ եկավ և ետ գնաց իր հյուրանոցը։ Բայց նա Ֆիլիսովայի տնից դուրս եկավ ոչ այն տեսքով, որով զանգահարում էր։ Նրա մեջ դարձյալ, և կարծես թե մի ակնթարթում, արտասովոր փոփոխություն կատարվեց. նա դարձյալ քայլում էր գունատ, թույլ, տառապալի, հուզված. նրա ծնկները դողում էին, և տարտամ, անորոշ Ժպիտը թափառում էր նրա կապտած շրթունքներին. նրա «անակնկալ միտքը» հանկարծ հաստատվեց և արդարացավ, և նա նորից հավատում էր իր դևին։

Բայց արդյո՞ք հաստատվեց։ Բայց արդյո՞ք արդարացավ։ Ինչո՞ւ նորից նրա հետ է այդ դողը, այդ սառն քրտինքը, հոգեկան այդ ցուրտն ու խավարը։ Արդյոք նրա՞ համար, որ հիմա նա նորից տեսավ այն աչքերը։ Բայց չէ՞ որ նա ամառային այգուց գնաց լոկ նրա համար, որ տեսներ դրանք։ Չէ՞ որ հենց դրանում էր կայանում նրա «անակնկալ միտքը»։ Նա համառորեն ուզեց տեսնել այդ «քիչ առաջվա» աչքերը, որպեսզի վերջնականապես համոզվի, որ անպայման դրանց կհանդիպի այնտեղ, այդ տան մոտ։ Դա նրա ջղաձիգ ցանկությունն էր, և էլ ինչո՞ւ է հիմա այդպես ճզմված ու զարմացած այն բանից, որ հիմա իսկապես տեսավ դրանք։ Կարծես թե չէր սպասում։ Այո, դրանք այն նույն աչքերն էին (և նրանում, որ այն նույնն էին, հիմա այլևս ոչ մի կասկած չկա), որոնք առավոտյան փայլատակեցին նրա վրա, ամբոխի միջից, երբ ինքը դուրս էր գալիս Նիկոլաևյան երկաթուղու վագոնից, այն նույն (բոլորովի՜ն նույն), որոնց հայացքը հետո քիչ առաջ նա որսաց իր ուսերի հետև, Ռոգոժինի տանը նստելով աթոռին։ Ռոգոժինն այն ժամանակ հրաժարվեց․ նա հարցրեց ծամածռված, սարսռեցնող ժպիտով... «Իսկ այդ ո՞ւմ աչքերն էին»։ Եվ դեռ բոլորովին նոր, Ցարսկոսելսկյան ճանապարհի կայարանում, երբ նա վագոն էր նստում, որպեսզի գնար Ագլայայի մոտ, և հանկարծ նորից տեսավ այդ աչքերը, արդեն երրորդ անգամ այդ օրը, իշխանը սաստիկ ցանկացավ մոտենալ Ռոգոժինին և ասել նրան, «թե ում աչքերն էին դրանք»։ Բայց նա դուրս վազեց կայարանից և ուշքի եկավ միայն դանակագործի կրպակի առաջ այն րոպեին, երբ կանգնած էր և վաթսուն կոպեկ էր գնահատում եղջերյա կոթով մի առարկա։ Մի տարօրինակ սարսափելի դև վերջնականապես կպավ նրան և արդեն չէր ուզում բաց թողնել։ Այդ դևը շշնջաց նրան ամառային այգում, երբ նա ինքնամոռացության մեջ նստած էր լորենու տակ, որ եթե Ռոգոժինին այնպես պետք էր հենց առավոտվանից հետևել նրան և որսալ ամեն քայլափոխում, ապա իմանալով, որ իշխանը չի մեկնի Պավլովսկ (որը արդեն, իհարկե, Ռոգոժինի համար ճակատագրական տեղեկություն էր), Ռոգոժինն անպայման կգնա այնտեղ, Պետերբուրգյանի վրա գտնվող այն տան մոտ, և անպայման այնտեղ կհսկի նրան, իշխանին, որը դեռ առավոտյան Ռոգոժինին ազնիվ խոսք էր տվել, որ «չի տեսնի նրան» և որ «դրա՛ համար չի եկել Պետերբուրգ»։ Եվ ահա իշխանը տենդագին ձգտում է դեպի այն տունը, և ի՞նչ կա դրանում, որ նա, իրոք, այնտեղ հանդիպում է Ռոգոժինին։ Նա տեսել է միայն մի դժբախտ մարդու, որի հոգեկան տրամադրությունը մռայլ է, բայց շատ հասկանալի։ Այդ դժբախտ մարդը հիմա նույնիսկ չէր թաքնվում։ Այո, Ռոգոժինն այն ժամանակ չգիտես ինչու հրաժարվեց ու ստեց, բայց կայարանում նա կանգնած էր, գրեթե առանց թաքնվելու։ Նույնիսկ ավելի շուտ նա, իշխանն էր թաքնվում, և ոչ թե Ռոգոժինը։ Իսկ հիմա, տան մոտ, նա կանգնած էր փողոցի մյուս կողմում, շեղակի հիսուն քայլ հեռավորությամբ, հակառակ մայթի վրա, ձեռքերը կրծքին խաչած, և սպասում էր։ Այստեղ արդեն նա բոլորածն տեսանելի էր և, կարծես, դիտմամբ ուզում էր տեսանելի լինել։ Նա կանգնած էր որպես մերկացնող ու որպես դատավոր, և ոչ թե որպես... Եվ ոչ թե որպես ո՞վ։

Իսկ ինչո՞ւ ինքը, իշխանը, հիմա չմոտեցավ նրան և շուռ եկավ նրանից, կարծես ոչինչ չնկատելով, չնայած նրանց աչքերը հանդիպեցին։ (Այո, նրանց աչքերը հանդիպեցին, և նրանք նայեցին միմյանց)։ Չէ՞ որ քիչ առաջ ինքն էր ուզում բռնել նրա ձեռքից ու նրա հետ գնալ այնտեղ։ Չէ որ ինքն էր ուզում վաղը գնալ նրա մոտ և ասել, որ ինքը եղել է նրա մոտ։ Չէ՞ որ նա ինքը հրաժարվեց իր դևից, դեռևս այնտեղ գնալիս, ճանապարհի կեսին, երբ հանկարծ ուրախությունը լցրեց նրա հոգին։ Թե՞ հիրավի մի այնպիսի բան կար Ռոգոժինի մեջ, այսինքն՝ այդ մարդու ամբողջ այսօրվա կերպարում, նրա խոսքերի, շարժումների, արարքների ու հայացքների ամբողջ համակցության մեջ, որ կարող էր արդարացնել իշխանի սարսափելի նախազգացումները և նրա դևի վրդովիչ քչփչոցը։ Մի այնպիսի բան, որն ինքնին երևում էր, բայց դժվար է վերլուծել ու պատմել, անհնար է արդարացնել բավարար պատճառներով, որը, սակայն, չնայած այդ ամբողջ դժվարությանն ու անկարելիությանը, թողնում է միանգամայն ամբողջական ու անդիմադրելի տպավորություն, որն ակամա դառնում է լիակատար համոզմունք...

Համոզմունք՝ ինչո՞ւմ։ (Օ, ինչպես տանջում էր իշխանին այդ համոզմունքի, «այդ ստոր նախազգացմունքի» հրեշավորությունը, «ստորացուցիչ լինելը», և ինչպե՜ս էր մեղադրում ինքն իրեն)։ Դե ասա, եթե համարձակվում ես, ինչո՞ւմ,— անընդհատ ասում էր նա ինքն իրեն, կշտամբանքով ու մարտահրավերով,— ձևակերպիր, համարձակվիր արտահայտել ամբողջ միտքդ, պարզ, ճշգրիտ, առանց տատանման։ Օ, ես անազնի՜վ եմ,― կրկնում էր նա զայրույթով ու ամոթի շառագույնը դեմքին,— հիմա ի՞նչ աչքերով պետք է նայեմ ամբողջ կյանքումս այդ մարդուն։ Օ, այս ի՜նչ օր է։ Օ, աստված, ինչպիսի՜ կոշմար է։

Պետերբուրգյան կողմից կատարած այդ երկար ու տանջալից ճանապարհի վերջում եղավ մի րոպե, երբ հանկարծ իշխանին համակեց մի անդիմադրելի ցանկություն՝ հենց հիմա գնալ Ռոգոժինի մոտ, սպասել նրան, ամոթով, արցունքներն աչքերին փարվել նրան, ամեն ինչ ասել և միանգամից ամեն ինչ վերջացնել։ Բայց նա արդեն կանգնած էր իր հյուրանոցի մոտ... Ինչպես դուր չեկան նրան այն ժամանակ այդ հյուրանոցը, այդ միջանցքները, այդ ամբողջ տունը, նրա համարը, դուր չեկան առաջին իսկ հայացքիցց այդ օրը նա մի քանի անգամ խորշանքով մտաբերեց, որ պետք կլինի վերադառնալ այստեղ... «Դե այս ի՞նչ եմ ես այսօր հիվանդ կնոջ պես հավատում ամեն մի նախազգացման»,— մտածեց նա ջղային ծաղրով, դարպասի մեջ կանգ առնելով։ Ամոթի, գրեթե հուսահատության մի նոր հորդում նրան գամեց տեղում, դարպասի հենց մուտքի առաջ։ Նա մի րոպե կանգ առավ։ Այդպես է լինում երբեմն մարդկանց, անտանելի անակնկալ հիշողությունները, հատկապես ամոթի հետ կապված, սովորաբար մի րոպե կանգնեցնում են տեղում։ «Այո, ես անսիրտ ու վախկոտ մարդ եմ»,— կրկնեց նա մռայլ և կտրուկ շարժվեց, որ գնա, բայց... նորից կանգ առավ...

Առանց այն էլ խավար այդ դարպասում այդ րոպեին շատ մութ էր. մոտեցող փոթորկաբեր ամպը կլանել էր իրիկնային լույսը և հենց այն պահին, երբ իշխանը մոտենում էր տանը, ամպը հանկարծ պատռվեց ու հորդ անձրև տեղաց։ Հենց այդ ժամանակ, երբ իշխանը վայրկենապես կանգնելուց հետո կտրուկ շարժվեց տեղից, նա գտնվում էր դարպասի բուն սկզբին, փողոցի կողմից դարպասի մուտքի հենց տակը։ Եվ հանկարծ նա դարպասի խորքում, կիսախավարի մեջ, սանդուղքի հենց մուտքի մոտ մի մարդ տեսավ։ Այդ մարդը կարծես մի բանի էր սպասում, բայց արագ երևաց ու անհայտացավ։ Իշխանը չէր կարող այդ մարդուն պարզ տեսնել և, իհարկե, ոչ մի կերպ հաստատ չէր կարողանա ասել, թե ով էր։ Բացի այդ, այստեղ ինչքան ասես մարդ կարող էր անցնել, այստեղ հյուրանոց էր, և անընդհատ մարդիկ էին անցնում ու վազում միջանցքները և այնտեղից ետ։ Բայց նա հանկարծ ամենալիակատար և անդիմադրելի համոզմունք զգաց, որ ինքը ճանաչեց այդ մարդուն և որ այդ մարդն անպայման Ռոգոժինն է։ Մի ակնթարթ անց իշխանը նրա հետևից նետվեց դեպի սանդուղք։ Նրա սիրտը նվաղեց։ «Հիմա ամեն ինչ կլուծվի»,— տարօրինակ համոզվածությամբ ասաց նա ինքն իրեն։

Սանդուղքը, ուր նետվեց իշխանը դարպասի տակից, տանում էր դեպի առաջին և երկրորդ հարկի միջանցքները, որոնց վրա բացվում էին հյուրանոցի համարները։ Այդ սանդուղքը, ինչպես բոլոր վաղուց կառուցված տներում, քարե էր, մութ, նեղ և ոլորվում էր քարե հաստ սյան շուրջը։ Առաջին սանդղահարթակում այդ սյան մեջ ոչ ավելի քան մի քայլ լայնությամբ և կես քայլ խորությամբ որմնախորշի նման մի խորություն կար։ Սակայն, այդտեղ մարդ կարող էր տեղավորվել։ Որքան էլ մութ լիներ, բայց, բարձրանալով հարթակը, իշխանն անմիջապես ջոկեց, որ այդտեղ, այդ որմնախորշի մեջ, չգիտես ինչու, մի մարդ է թաքնված։ Իշխանը հանկարծ ուզեց մոտովն անցնել ու չնայել դեպի աջ։ Նա արդեն մի քայլ էր արել, բայց չդիմացավ և շուռ եկավ։

Քիչ առաջվա երկու աչքը, այն նույն աչքերը, հանկարծ հանդիպեցին նրա հայացքին։ Որմնախորշում թաքնված մարդը նույնպես արդեն հասցրել էր մի քայլ անել դեպի դուրս։ Մի վայրկյան երկուսն էլ կանգնել էին միմյանց առաջ, գրեթե ընդհուպ։ Հանկարծ իշխանը բռնեց նրա ուսերից և ետ շրջեց դեպի սանդուղքը, լույսին ավելի մոտիկ, նա ուզում էր պարզ տեսնել դեմքը։

Ռոգոժինի աչքերը փայլատակեցին, և կատաղի ժպիտը աղավաղեց նրա դեմքը։ Նրա աջ ձեռքը բարձրացավ և մի բան շողաց ձեռքին. իշխանը չէր մտածում կանգնեցնել այդ ձեռքը։ Նա միայն հիշում էր, որ կարծես բղավեց.

— Պարֆեն, չե՛մ հավատում...

Ապա հանկարծ կարծես ինչ֊որ բան բացվեց նրա առաջ, արտասովոր ներքին լույսը լուսավորեց նրա հոգին։ Այդ ակնթարթը տևեց, գուցե, կես վայրկյան. և սակայն, նա պարզ ու գիտակցորեն հիշում էր սկիզբը, ամենաառաջին հնչյունը իր սարսափելի աղաղակի, որն ինքն իրեն դուրս պոռթկաց նրա կրձքից և որը ոչ մի ուժով նա չէր կարողանա կանգնեցնել։ Ապա նրա գիտակցությունը ակնթարթաբար հանգավ, և կատարյալ խավար իջավ։

Նրան ընկնավորական նոպա բռնեց, որ արդեն շատ վաղուց դադարել էր։ Հայտնի է, որ ընկնավորության նոպան, այսինքն՝ բուն ընկնելը, վրա է հասնում վայրկենաբար։ Այդ ակնթարթին հանկարծ արտակարգ ձևով աղավաղվում է դեմքը, հատկապես հայացքը։ Ջղակծկումներն ու ցնցումները համակում են ամբողջ մարմինը և բոլոր դիմագծերը։ Սարսափելի, աներևակայելի և ոչ մի բանի չնմանող աղաղակ է դուրս թռչում կրծքից. այդ աղաղակի մեջ կարծես թե հանկարծ չքանում է ամենայն մարդկայինը, և ոչ մի կերպ հնարավոր չէ, համենայն դեպս, դիտողի համար շատ դժվար է պատկերացնել ու ենթադրել, որ բղավողը նույն այդ մարդն է։ Նույնիսկ այնպես է թվում, թե բղավում է այդ մարդու մեջ գտնվող մեկ ուրիշը։ Համենայն դեպս, շատերն են իրենց տպավորությունն այդպես պարզաբանել, իսկ շատերի վրա ընկնավորություն մեջ եղած մարդու տեսքը ներշնչում է կատարյալ անտանելի սարսափ, որն իր մեջ նույնիսկ ինչ֊որ միստիկական բան է պարունակում։ Պետք է ենթադրել, որ այդ րոպեի մյուս բոլոր սոսկալի տպավորությունների հետ կապված այդ անակնկալ սարսափի տպավորությունը հանկարծ տեղում քարացրեց Ռոգոժինին և դրանով իսկ փրկեց իշխանին արդեն նրա վրա ընկնող դանակի անխուսափելի հարվածից։ Ապա, դեռ գլխի չընկած, որ դա նոպա էր, և տեսնելով, որ իշխանը ետ ընկրկեց նրանից և հանկարծ ընկավ երեսնիվեր, ուղղակի սանդուղքով դեպի ցած, ծոծրակը թափով խփելով քարե ասաիճանին, Ռոգոժինը սրընթաց ցած նետվեց, շրջանցեց ընկածին և գրեթե ուշքը կորցրած փախավ հյուրանոցից։

Ջղակծկումներից, թփրտալուց ու ցնցումներից հիվանդի մարմինը աստիճաններով, որոնք տասնհինգից ավելի չէին, ցած գնաց մինչև սանդուղքի ծայրը։ Շատ շուտով, ոչ ավելի, քան հինգ րոպե անց, նկատեցին ընկածին, և ամբոխ հավաքվեց։ Գլխի մոտ գոյացած արյան մի ամբողջ լճակ տարակուսանք էր առաջացնում. մարդն ի՞նքն կր ընկել, թե «որևէ մեղք էր պատահել»։ Սակայն շուտով մի քանիսը հասկացան, որ դա ընկնավորություն է. համարների սպասավորներից մեկը հանձին իշխանի ճանաչեց իրենց քիչ առաջվա իջևանողին։ Վերջապես իրարանցումն անցավ շատ բարեբախտ, շնորհիվ մի բարեբախտ հանգամանքի։

Կոլյա Իվոլգինը, որ խոստացել էր ժամը չորսին լինել «Վեսի»֊ում և դրա փոխարեն մեկնել էր Պավլովսկ, մի անակնկալ նկատառումով հրաժարվեց գեներալի կնոջ՝ Եպանչինայի մոտ «ճաշելուց», այլ վերադարձավ Պետերբուրգ և շտապեց «Վեսի», ուր և հայտնվեց երեկոյան մոտ ժամը յոթին։ Նրան թողած տոմսակից իմանալով, որ իշխանը քաղաքում է, նա աճապարեց նրա մոտ, տոմսակում ցույց տված հասցեով, հյուրանոցում տեղեկանալով, որ իշխանը դուրս է եկել, նա ցած իջավ բուֆետի սենյակները և սկսեց սպասել, թեյ խմելով ու երգեհոն լսելով։ Պատահաբար լսելով մեկի հետ պատահած ընկնավորության նոպայի մասին խոսակցությունը, նա ճիշտ նախաղգացումով նետվեց դեպքի վայրը և ճանաչեց իշխանին։ Անմիջապես ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցներ։ Իշխանին տարան իր համարը, նա թեև սթափվեց, բայց բավական երկար ժամանակ չէր գալիս լիակատար գիտակցության։ Բժիշկը, որ հրավիրվպծ էր ջարդված գլուխը նայելու համար, թրջոցներ տվեց և ասաց, որ ջարդվածքներից ամենափոքր իսկ վտանգ չի սպասվում։ Իսկ երբ արդեն մի ժամ անց իշխանը սկսեց բավական լավ հասկանալ շրջապատը, Կոլյան կառքով հյուրանոցից նրան փոխադրեց Լեբեդևի մոտ։ Լեբեդևը հիվանդին ընդունեց արտասովոր եռանդով ու խոնարհումով։ Հենց նրա համար էլ արագացրեց ամառանոց տեղափոխվելը․ երրորդ օրն արդեն բոլորը Պավլովսկում էին։


VI

Լեբեդևի ամառանոցը մեծ չէր, բայց հարմար էր և նույնիսկ գեղեցիկ։ Վարձակալման համար նախատեսված մասը առանձնապես զարդարված էր։ Բավական ընդարձակ պատշգամբում, փողոցից սենյակները տանող մուտքի մոտ փայտե մեծ կանաչ կիսատակառների մեջ դրված էին թուրինջի, կիտրոնի ու հասմիկի մի քանի ծառեր, որը և Լեբեդևի հաշվով կազմում էր ամենագայթակղեցուցիչ տեսաբանը։ Այդ ծառերից մի քանիսը նա ձեռք էր բերել ամառանոցի հետ և այնքան էր գայթակղվել պատշգամբում դրանց թողած տպավորությունից, որ որոշեց, օգտվելով պատեհ առիթից, կոմպլեկտ կազմելու համար տակառների մեջ տնկած մի քանի նույնպիսի ծառ գնել, որոնք վաճառվում էին աճուրդով։ Երբ վերջապես բոլոր ծառերը բերվեցին ամառանոց ու դասավորվեցին, Լեբեդևն այն օրը մի քանի անգամ փողոց վազեց պատշգամբի աստիճաններից և հիանում էր իր կալվածով, ամեն անգամ մտովի ավելացնելով այն գումարը, որ ենթադրում էր պահանջել իր ապագա ամառանոցային կենվորից։ Թուլացած, թախծող ու փշրված մարմնով իշխանին ամառանոցը շատ դուր եկավ։ Ի դեպ, Պավլովսկ փոխադրվելու օրը, այսինքն՝ նոպայից երեք օր հետո, իշխանն արտաքուստ արդեն գրեթե առողջ մարդու տեսք ուներ, թեև ներքուստ իրեն դեռևս կազդուրված չէր զգում։ Նա ուրախ էր բոլոր նրանց համար, ում տեսնում էր իր շուրջը այդ երեք օրը, ուրախ էր Կոլյայի համար, որը գրեթե նրանից չէր հեռանում, ուրախ էր Լեբեդևի ամբողջ ընտանիքի համար (առանց քրոջորդու, որն անհետացել էր չգիտես ուր), ուրախ էր հենց Լեբեդևի համար. նույնիսկ բավականությամբ ընդունեց դեռ քաղաքում նրան այցի եկած գեներալ Իվոլգինին։ Բուն տեղափոխության օրը, որ տեղի ունեցավ արդեն երեկոյան կողմ, պատշգամբում նրա շուրջը բավական շատ հյուրեր հավաքվեցին, նախ եկավ Գանյան, որին իշխանը հազիվ ճանաչեց, այնպե՜ս էր փոխվել նա այդ ամբողջ ժամանակի ընթացքում և նիհարել։ Ապա հայտնվեցին Վարյան ու Պտիցինը, նույնպես Պավլովսկի հովեկներ։ Իսկ գեներալ Իվոլգինը գրեթե անընդհատ գտնվում էր Լեբեդևի բնակարանում, նույնիսկ կարծես հենց նրա հետ էլ տեղափոխվել էր։ Լեբեդևն աշխատում էր նրան իշխանի մոտ չթողնել և նրան պահում էր իր մոտ. նրա հետ վարվում էր բարեկամաբար, ըստ երևույթին նրանք արդեն վաղուցվա ծանոթներ էին։ Իշխանը նկատել էր, որ այդ բոլոր երեք օրը նրանք երբեմն իրար հետ երկար խոսակցության էին բռնվում, հաճախ բղավում ու վիճաբանում էին, նույնիսկ, կարծես թե, գիտական նյութերի վերաբերյալ, որը, ըստ երեվույթին, բավականություն էր պատճառում Լեբեդևին։ Նույնիսկ կարելի էր կարծել, որ նա գեներալի կարիքն էր զգում։ Բայց ամառանոց փոխադրվելու իսկ օրից իշխանի նկատմամբ նույն նախազգուշացումները Լեբեդևն սկսեց կիրառել և իր ընտանիքի նկատմամբ, իշխանին չանհանգստացնելու պաարվակի տակ նա ոչ ոքի չէր թողնում նրա մոտ, չնայած իշխանի բոլոր խնդրանքներին, որ ոչ ոքի չվռնդի. առաջին իսկ կասկածի դեպքում, որ նրանք գնում են պատշգամբ, որտեղ գտնվում էր իշխանը, Լեբեդևը ոտքերն էր դոփում, վրա էր պրծնում ու վազում էր իր աղջիկների հետևից, չբացառելով նաև Վերային երեխայի հետ։

— Նախ՝ ոչ մի հարգալիրություն չի լինի, եթե նրանց սանձերը այդպես բաց թողնեմ. իսկ երկրորդ՝ նրանց համար նույնիսկ անվայել է․․․― բացատրեց նա վերջապես, ի պատասխան իշխանի ուղղակի հարցի։

— Ախր ինչո՞ւ,— ամաչեցնում էր իշխանը,— ճշմարիտ, դուք ինձ այդ բոլոր հսկումներով ու պահակությամբ միայն տանջում եք։ Ես մենակ ձանձրանում եմ, ձեզ մի քանի անգամ ասել եմ, իսկ դուք ինքներդ ձեր անընդհատ ձեռքի թափահարումներով և ոտների ծայրին քայլելով, ավելի եք ձանձրացնում։

Իշխանն ակնարկում էր այն, որ թեև Լեբեդևը հիվանդին անհրաժեշտ հանգստի պատրվակի տակ վռնդում էր բոլոր տնեցիներին, բայց ինքը այդ բոլոր երեք օրը համարյա րոպեն մեկ մտնում էր իշխանի մոտ, և ամեն անգամ նախ բացում էր դուռը, գլուխը ներս խոթում, դիտում սենյակը, կարծես ուզում էր համոզվել, արդյոք այստե՞ղ է, հո չի՞ փախել և հետո արդեն, մատների ծայրին, դանդաղ, գաղտագողի քայլերով, մոտենում էր բազկաթոռին, այնպես, որ երբեմն հանկարծակի վախեցնում էր իր կենվորին։ Անընդհատ տեղեկանում էր, թե արդյոք նրան որևէ բան պետք չէ՞, և երբ վերջապես իշխանն սկսեց նրան նկատողություն անել, որ իրեն հանգիստ թողնի, հնազանդ ու անաղմուկ շրջվում էր, մատների ծայրին ետ էր գնում դեպի դուռը և ամբողջ ժամանակ, մինչ քայլում էր, ձեռքերն էր թափահարում, կարծես ուզելով հասկացնել, որ ինքը հենց այնպես, որ ինքը ոչ մի բառ չի արտասանի և որ ինքը ահա արդեն դուրս եկավ, և չի գա, և, սակայն, տասը րոպե անց կամ ամենաշատը քառորդ ժամ անց նորից էր հայտնվում։ Կոլյան, որ ազատ մուտք ուներ իշխանի մոտ, դրանով իսկ խորապես վշտացնում էր Լեբեդևին և նույնիսկ վիրավորանքի զայրույթ առաջացնում նրա մեջ։ Կոլյան նկատեց, որ Լեբեդևը մինչև կես ժամի չափ կանգնում էր դռան մոտ և թաքուն ականջ էր դնում, թե ինքը ինչ է խոսում իշխանի հետ, որի մասին, հասկանալի է, հայտնեց իշխանին։

— Դուք կարծես ինձ սեփականացրել եք, որ փակի տակ եք պահում,― բողոքում էր իշխանը,― գոնե ամառանոցում ես ուզում եմ, որ ուրիշ կերպ լինի, և համոզված եղեք, որ կընդունեմ ում ուզենամ և կգնամ ուր ուզենամ։

— Առանց ամենանվազագույն կասկածի,— ձեռքերը թափահարեց Լեբեդևը։

Իշխանը ուշադիր նայեց նրան ոտից գլուխ։

— Իսկ ձեր պահարանիկը, Լուկյան Տիմոֆեևիչ, որ ձեր մահճակալի գլխավերևումն էր կախված, փոխադրեցի՞ք այստեղ։

― Ոչ, չեմ փոխադրել։

— Մի՞թե այնտեղ թողիք։

— Անհնար է բերելը, պետք է պատի միջից կոտրել հանել... Ամուր է, ամուր։

— Բայց, դուցե, այստեղ ճիշտ նույնպիսի՞ն կա։

— Նույնիսկ ավելի լավը, նույնիսկ ավելի լավը, դրա համար էլ գնեցի ամառանոցը։

― Հը-ը՜։ Քիչ առաջ այդ ո՞ւմ չէիք թողնում ինձ մոտ։ Մի ժամ առաջ։

— Դա... դա գեներալին։ Իսկապես չէի թողնում, և նա ձեզ մոտ չի լինի։ Ես, իշխան, այդ մարդուն խորապես հարգում եմ, դա․․․ դա մեծ մարդ է. չե՞ք հավատում։ Դե, կտեսնեք, բայց համենայն դեպս... ավելի լավ է, ամենապայծառափայլ իշխան, որ նրան չընդունեք ձեզ մոտ։

— Իսկ ինչո՞ւ այդպես, թույլ տվեք հարցնել։ Եվ ինչո՞ւ, Լեբեդև, դուք հիմա կանգնած եք թաթերիդ ծայրին, իսկ միշտ ինձ մոտենում եք այնպիսի տեսքով, կարծես ուզում եք ականջիս գաղտնիք հայտնել։

— Ստոր եմ, ստոր եմ, զգում եմ,— անսպասելի պատասխանեց Լեբեդևը, կուրծքը ծեծելով,— իսկ գեներալը ձեզ համար չափազանը հյուրընկալ չի՞ լինի։

— Չափազանց հյուրընկա՞լ կլինի։

— Հյուրընկալ։ Նախ և առաջ, նա արդեն պատրաստվում է ինձ մոտ ապրել, դա ոչինչ, բայց ազարտով է, անմիջապես ազգական է դառնում։ Ես ու նա արդեն մի քանի անգամ ազգական համարվեցինք, պարզվեց, որ քենեկալներ ենք։ Դուք էլ մոր կողմից նրան ազգական եք դուրս գալիս, դեռ երեկ էր պարզաբանում ինձ։ Եթե դուք ազգական եք, նշանակում է, ես և դուք էլ, ամենապայծառափայլ իշխան, ազգականներ ենք։ Այդ դեռ ոչինչ, փոքրիկ թուլություն է, բայց հիմա հավատացնում էր, որ ամբողջ կյանքում, պրապորշչիկական աստիճանից սկսած մինչև անցյալ տարվա հունիսի տասնմեկը նրա տանը ամեն օր սեղան էին նստում ոչ պակաս, քան երկու հարյուր հոգի։ Վերջապես մինչև այնտեղ հասավ, որ նույնիսկ սեղանից չէին էլ վեր կենում, այնպես որ և ճաշում էին, և ընթրում, և թեյ խմում օրական տասնհինգական ժամ, մոտ երեսուն տարի իրար հետևից առանց ամենափոքր ընդմիջման, հազիվ ժամանակ էր լինում սփռոցը փոխելու։ Մեկը վեր է կենում գնում, մեկ ուրիշն է գալիս, իսկ տոն ու թագավորական օրերին նույնիսկ մինչև երեք հարյուր հոգու էր հասնում։ Իսկ Ռուսաստանի հազարամյակի օրը մինչև յոթ հարյուր հոգի էր հաշվել։ Ախր սա սոսկալի է. այդպիսի տեղեկությունները շատ վատ նշան են․ այդպիսի հյուրընկալներին իր մոտ ընդունելը նույնիսկ սարսափելի է, ես էլ մտածեցի. այդպիսի մարդը ինձ և ձեզ համար չափից ավելի հյուրընկալ չի՞ լինի։

— Բայց դուք, կարծեմ, նրա հետ չափազանց լավ հարաբերությունների մեջ եք։

— Եղբայրաբար ընդունում եմ իբրև կատակ․ թող մենք քենեկալներ լինենք. ինձ ինչ, ավելի շուտ պատիվ է։ Ես հանձին նրա նույնիսկ երկու հարյուր հոգու և Ռուսաստանի հազարամյակի միջով տեսնում եմ հրաշալի մարդու։ Անկեղծ եմ ասում։ Դուք, իշխան, հիմա գաղտնիքների մասին խոսք արիք, իբրև թե, այսինքն, ես մոտենում եմ, կարծես ուզում եմ գաղտնիք հայտնել, իսկ գաղտնիք, հակառակի պես էլ կա. մի հայտնի անձնավորություն հիմա իմաց արեց, որ շատ կուզենար ձեզ հետ գաղտնի տեսակցություն ունենալ։

— Իսկ ինչո՞ւ համար գաղտնի։ Բնավ։ Ես նրա մոտ կգնամ ինքս, թեկուզ այսօր։

— Բնավ, բնավ ոչ,— սկսեց ձեռները թափահարել Լեբեդևը,― և ոչ էլ այն բանից է վախենում, ինչից կարող եք ենթադրել։ Ի դեպ, ճիվաղը ամեն օր գալիս է ձեր առողջության մասին տեղեկանալու, արդյոք ձեզ հայտնի՞ է։

— Դուք ինչ֊որ շատ հաճախ եք նրան ճիվաղ անվանում, դա ինձ համար շատ կասկածելի է։

— Ոչ մի կասկած ունենալ չեք կարող, ոչ մի կասկած,— արագ խոսքը շեղեց Լեբեդևը,— ես միայն ուզում էի բացատրել, որ հայտնի անձնավորությունը վախենում է ոչ թե նրանից, այլ բոլորովին այլ բանից, բոլորովին այլ։

— Դե հապա ինչի՞ց, շուտ ասացեք,— անհամբերությամբ հարցաքննում էր նրան իշխանը, նայելով Լեբեդևի խորհրդավոր ծամածռություններին։

— Հենց դրանում է գաղտնիքը։

Եվ Լեբեդևը քմծիծաղ տվեց։

— Ո՞ւմ գաղտնիքը։

— Ձեր գաղտնիքը։ Ինքներդ ինձ արգելեցիք, ամենապայծառափայլ իշխան, ձեր ներկայությամբ խոսել...— մրթմրթաց Լեբեդևը և, հաճույք ստանալով նրանից, որ իր ունկնդրի հետաքրքրությունը հասցրեց հիվանդագին անհամբերության, հանկարծ եզրափակեց.— Ագլայա Իվանովնայից է վախենում։

Իշխանը կնճռոտվեց ու մի րոպեաչափ լռեց։

— Աստվա՛ծ վկա, Լեբեդև, ես կհեռանամ ձեր ամառանոցից,— ասաց նա հանկարծ։— Որտե՞ղ են Գավրիլա Արդալիոնովիչը և Պտիցինները։ Ձեզ մո՞տ են։ Դուք նրանց էլ եք քաշել ձեզ մոտ։

— Գալիս են, գալիս են։ Եվ նույնիսկ գեներալն էլ նրանց հետևից։ Բոլոր դռները բաց կանեմ և բոլոր աղջիկներիս կկանչեմ, բոլորին, բոլորին, հիմա, հիմա,— վախեցած շշնջում էր Լեբեդևը, ձեռները թափահարելով և մի դռնից դեպի մյուսը նետվելով։

Այդ րոպեին Կոլյան փողոցից մտնելով, հայտնվեց պատշգամբում և հայտարարեց, որ իր հետևից հյուրեր են գալիս, Լիզավետա Պրոկոֆևնան երեք աղջիկների հետ։

— Թողնե՞մ, թե չթողնեմ Պտիցիններին ու Գավրիլա Արդալիոնովիչին։ Թողնե՞մ, թե չթողնեմ գեներալին,— մոտ թռավ Լեբեդևը այդ լուրից շշմած։

— Իսկ ինչո՞ւ չէ։ Բոլորին, ով որ ուզում է։ Հավատացնում եմ ձեզ, Լեբեդև, որ սկզբից ևեթ իմ հարաբերությունների մեջ դուք ինչ-որ բան ճիշտ չեք հասկացել։ Դուք մի անընդհատ սխալ ունեք։ Ես ոչ մի նվազագույն պատճառ չունեմ որևէ մեկից փախչելու և թաքնվելու,— ծիծաղեց իշխանը։

Նրան նայելով, Լեբեդևն էլ պարտք համարեց ծիծաղել։ Լեբեդևը, չնայած իր արտակարգ հուզմունքին, ըստ երևույթին նույնպես սաստիկ գոհ էր։

Կոլյայի հաղորդած լուրն իրավացի էր, նա Եպանչիններին կանխեց միայն մի քանի քայլով, որպեսզի ազդարարեր, այնպես որ հյուրերը հայտնվեցին հանկարծ երկու կողմից, Եպանչինները՝ պատշգամբից, իսկ սենյակներից՝ Պտիցինները, Գանյան և գեներալ Իվոլգինը։

Եպանչինները իշխանի հիվանդության մասին և այն մասին, որ նա Պավլովսկում է, հենց նոր իմացել էին Կոլյայից, իսկ մինչև այդ ժամանակ գեներալի կինը ծանր տարակուսանքի մեջ էր։ Դեռ երեք օր առաջ գեներալը իր ընտանիքին հայտնել էր իշխանի այցետոմսի մասին, այդ տոմսը Լիզավետա Պրոկոֆևնայի մեջ անվիճելի համոզմունք էր առաջացրել, որ իշխանն ինքն էլ այդ այցետոմսի հետևից անհապաղ կժամանի Պավլովսկ, նրանց հետ տեսակցելու։ Իզուր աղջիկները հավատացնում էին, թե մի մարդ, որ կես տարի ոչինչ չի գրել, գուցե հիմա էլ բոլորովին այդքան փութկոտ չի լինի, և որ, գուցե, առանց իրենց էլ նա Պետերբուրգում շատ հոգսեր ունի,― ո՞վ գիտի նրա գործերը։ Գեներալի կինը վճռականապես բարկացավ այդ դիտողություններից և պատրաստ էր գրազ գալու, որ իշխանը կհայտնվի համենայն դեպս հաջորդ օրը, թեև «դա արդեն ուշ կլինի»։ Հաջորդ օրը նա սպասեց ամբողջ առավոտը։ Սպասում էին ճաշին, երեկոյան, և երբ արդեն բոլորովին մութն ընկավ, Լիզավետա Պրոկոֆևնան ամեն ինչի վրա բարկացավ և բոլորի հետ կռվեց, հասկանալի է, վիճաբանության շարժառիթների մեջ ամենևին չհիշատակելով իշխանի մասին։ Նրա մասին ոչ մի խոսք չէր հիշատակված նաև ամբողջ երրորդ օրը։ Երբ ճաշի ժամանակ Ագլայան պատահմամբ խոսք թռցրեց, թե maman֊ը բարկանում է նրա համար, որ իշխանը չի գալիս, որին ի պատասխան գեներալն անմիջապես նկատեց, թե «ախր նա դրանում մեղավոր չէ»,— Լիզավետա Պրոկոֆևնան վեր կացավ և զայրույթով հեռացավ սեղանից։ Վերջապես երեկոյան կողմ ներկայացավ Կոչյուն բոլոր տեղեկություններով և իշխանի բոլոր արկածներով, ինչքան որ նա գիտեր։ Դրա հետևանքը Լիզավետա Պրոկոֆևնայի ցնծագին հաղթանակն էր, բայց, համենայն դեպս, Կոլյային լավ բաժին հասավ. «Մեկ ամբողջ օրերով այստեղ պտույտ է գալիս և դուրս անել չի լինի, իսկ էստեղ գոնե իմաց տար, եթե մտքով չանցավ, որ ինքը հրամեր»։ Կոլյան իսկույն ուզեց նեղանալ «դուրս անել չի լինի» խոսքի վրա, բայց հետաձգեց մի ուրիշ անդամվա, և եթե խոսքն ինքը չափաղանց վիրավորական չլիներ, ապա, թերևս, բոլորովին ներեր. այդ աստիճան նրան դուր էր եկել Լիզավետա Պրոկոֆևնայի հուզմունքն ու անհանգստությունը իշխանի հիվանդության լուրն իմանալիս։ Լիզավետա Պրոկոֆևնան երկար պնդում էր, որ անհրաժեշտ է անմիջապես հատուկ մարդ ուղարկել Պետերբուրգ, որպեսզի տեղից հաներ առաջին կարգի մեծության ինչ֊որ հռչակավոր բժշկի և առաջին գնացքով սլացներ֊բերեր. բայց աղջիկները համոզեցին, որ այդ չանի, նրանք, ի դեպ, չուզեցան ետ մնալ մայրիկից, երբ սա վայրկենաբար պատրաստվեց, որ այցի գնա հիվանդին։

— Նա մահվան մահճում է,— իրար անցած ասում էր Լիզավետա Պրոկոֆևնան,— իսկ մենք այստեղ պիտի ձևականություններ պահպանենք։ Նա մեր տան բարևկա՞մն է, թե ոչ։

— Բայց առանց ջուրը տեսնելու բոբիկանալն էլ մի բան չէ,— նկատեց Ագլայան։

— Դե, ուրեմն մի գա, և նույնիսկ լավ էլ կանես. Եվգենի Պավլովիչը կգա, մարդ չի լինի, որ նրան ընդունի։

Այդ խուսքերից հետո Ագլայան, հասկանալի է, անմիջապես ճամփա ընկավ բոլորի հետ, որ, ի դեպ, առանց այդ էլ մտադիր էր անելու։ Ադելաիդայի հետ նստած իշխան Շչ-ն, նրա խնդրանքով, անմիջապես համաձայնեց ուղեկցել կանանց։ Նա դեռ առաջ էլ, Եպանչինների հետ իր ծանոթության սկզբում, չափազանց հետաքրքրվել էր, երբ նրանցից իմացել էր իշխանի մասին։ Պարզվեց, որ Շչ-ն նրա հետ ծանոթ է, որ նրանք վերջերս մի տեղ ծանոթացել են և մի երկու շաբաթ միասին ապրել ինչ-որ քաղաքում։ Դա եղել է մոտ երեք ամիս առաջ։ Իշխան Շչ֊ն նույնիսկ շատ էր պատմում իշխանի մասին և առհասարակ նրա մասին խոսում էր մեծ համակրանքով, այնպես որ հիմա անկեղծ բավականությամբ այցի էր գնում իր հին ծանոթին։ Գեներալ Իվան Ֆյոդորովիչն այս անգամ տանը չէր։ Եվգենի Պավլովիչը նույնպես դեռ չէր եկել։

Եպանչինների տնից մինչև Լեբեդևի ամառանոցը երեք հարյուր քայլից ավելի չէր։ Իշխանի մոտ Լիզավետա Պրոկոֆևնայի առաջին տհաճ տպավորությունն այն էր, որ նա իշխանի շուրջը գտավ հյուրերի մի ամբողջ խումբ, չխոսելով արդեն այն մասին, որ այդ խմբում կային նրա համար վճռականորեն ատելի երկու֊երեք հոգի։ Երկրորդը՝ զարմանքն էր, երբ տեսավ իրենց ընդառաջ եկող արտաքուստ բոլորովին առողջ, պճնագեղորեն հագնված ու ծիծաղկոտ երիտասարդին, փոխանակ մահվան մահճում մեռնողի, ինչպես նա սպասում էր նրան գտնել։ Նա նույնիսկ տարակուսած կանգ առավ, ի մեծ գոհունակություն Կոլյայի, որը, իհարկե, հրաշալի կարող էր բացատրել, երբ դեռ գեներալի կինը չէր շարժվել իր ամառանոցից, որ բացարձակապես ոչ ոք չի մեռնում և ոչ մի մահվան մահիճ չկա, բայց չբացատրեց, խորամանկորեն նախազգալով Եպանչինայի ապագա կոմիկական զայրույթը, երբ նա, Կոլյայի հաշիվներով, անպայման կզայրանա նրա համար, որ իշխանին՝ Կոլյայի անկեղծ բարեկամին, առողջ կգտնի։ Կոլյան նույնիսկ այնքան անքաղաքավարի եղավ, որ բարձրաձայն արտահայտեց իր կռահումը, որպեսզի վերջնականապես գրգռի Լիզավետա Պրոկոֆևնային, որի հետ շարունակ և երբեմն շատ չարասրտորեն խոսք էր կռվեցնում, չնայած նրանց իրար կապող բարեկամությանը։

― Սպասիր, սիրելիս, մի՛ շտապիր, մի՛ փչացրու քո հաղթանակը,— պատասխանում էր Լիզավետա Պրոկոֆևնան, նստելով իշխանի հրամցրած բազկաթոռին։

Լեբեդևը, Պտիցինը, գեներալ Իվոլգինը նետվեցին աթոռներ հրամցնելու օրիորդներին։ Ագլայային աթոռ հրամցրեց գեներալը։ Լեբեդևը աթոռ տվեց նաև իշխան Շչ-ին, ըստ որում նույնիսկ մեջքի թեքումով կարողացավ արտահայտել իր արտակարգ հարգալիրությունը։ Վարյան, ըստ սովորականի, հիացմունքով ու շշուկով ողջունում էր օրիորդներին։

— Այդ ճիշտ է, որ ես կարծում էի, իշխան, թե քեզ անկողնում կգտնեմ, այնպես էի վախից չափազանցրել, և, ոչ մի գնով սուտ չեմ ասի, հիմա ինձ սարսափելի զայրացրեց քո երջանիկ դեմքը, բայց երդվում եմ քեզ, դա ընդամենը մեկ րոպե, քանի դեռ չէի հասցրել միտք անել։ Ես, հենց որ մտմտում եմ, միշտ ավելի խելացի եմ վարվում ու խոսում, կարծում եմ, որ դու ևս։ Իսկ իսկականը, հարազատ որդուս առողջանալուն, եթե որդի ունենայի, գուցե ավելի քիչ ուրախանայի, քան քո առողջանալուն, իսկ եթե իմ այս խոսքին չես հավատում, ապա ամոթը քեզ է, ոչ թե ինձ։ Իսկ այս չարասիրտ, անպիտան տղան իրեն թույլ է տալիս դրանից էլ լավ կատակներ անել ինձ հետ։ Դու, կարծեմ, նրան հովանավորում ես. ուրեմն նախազգուշացնում եմ քեզ, որ մի գեղեցիկ առավոտ, հավատա ինձ, ինձ կզրկեմ նրա ծանոթությունից օգտվելու պատիվն ունենալու բավականությունից։

— Ես ի՞նչ մեղք ունեմ,— բղավում էր Կոլյան,— ինչքան էլ ձեզ հավատացնեի, թե իշխանը գրեթե առողջ է, դուք չէիք ուզենա հավատալ, որովհետև նրան մահվան մահճի մեջ պատկերացնելն ավելի հետաքրքիր էր։

— Երկա՞ր ժամանակով եք եկել մեզ մոտ,— իշխանին դիմեց Լիզավետա Պրոկոֆևնան։

— Ամբողջ ամառը, գուցե և ավելի։

— Դու մենակ ես, այնպես չէ՞։ Ամուսնացած չե՞ս։

— Ոչ, ամուսնացած չեմ,— ժպտաց իշխանը այդ խայթոցի միամտության վրա։

— Ժպտալու կարիք չկա. դա պատահում է։ Ես ամառանոցի մասին եմ ասում, ինչո՞ւ մեզ մոտ չտեղափոխվեցիր։ Մեզ մոտ ամբողջ կցաշենքը դատարկ է, ասենք, ինչպես կուզես։ Սրանի՞ց ես վարձակալել։ Այ սրանի՞ց,— ավելացրեց նա կիսաձայն, գլխով ցույց տալով Լեբեդևին։— Ի՞նչ է շարունակ ծռմռվում։

Այդ րոպեին սենյակներից պատշգամբ դուրս եկավ Վերան, ըստ իր սովորության՝ երեխան գրկին։ Լեբեդևը, որ պտույտ-պտույտ էր անում աթոռների մոտ և ուղղակի չգիտեր, թե ուր խցկի իրեն, բայց բոլորովին չէր ուզում գնալ, հանկարծ հարձակվեց Վերայի վրա, ձեռները թափահարեց նրա վրա, և նույնիսկ, ինքն իրեն կորցնելով, ոտները դոփեց։

— Նա խելագա՞ր է,— հանկարծ ավելացրեց գեներալի կինը։

— Ոչ, նա...

— Գուցե հարբա՞ծ է։ Տգեղ ընկերակցություն ունես,— հատու ասաց նա, իր հայացքով ընդգրկելով նաև մյուս հյուրերին,— Բայց ի՜նչ անուշիկ աղջիկ էր։ Ո՞վ է։

— Դա Վերա Լուկյանովնան է, այդ Լեբեդևի աղջիկը։

— Ա՜... Շատ լավիկն է։ Ես ուզում եմ նրա հետ ծանոթանալ։

Բայը Լեբեդևը, լսելով Լիզավետա Պրոկոֆևնայի գովեստները, արդեն ինքն էր քարշ տալիս աղջկանը, որ ներկայացնի նրան։

— Ո՜րբ ենք, ո՜րբ ենք,— հալվում էր նա, մոտենալով,— նրա գրկի այս երեխան էլ որբ է, նրա քույրն է, Լյուբով աղջիկս, և ծնված է ամենաօրինական ամուսնությունից, նոր վախճանված Ելենայից, իմ կնոջից, որը մեռավ սրանից վեց շաբաթ առաջ, ծննդաբերությունից, կամոքն աստծու․․․ այո-ո... մոր փոխարեն է, թեև միայն քույր է և ոչ ավելի, քան քույր... ոչ ավելի, ոչ ավելի...

— Իսկ դու, եղբայր, ոչ ավելի, քան հիմար ես, ներիր ինձ։ Դե բավական է, կարծեմ ինքդ էլ ես հասկանում,— հանկարծ նրա խոսքը կտրեց Լիզավետա Պրոկոֆևնան արտասովոր զայրույթով։

— Կատարյա՜լ ճշմարտություն,— ամենահարգալից ձևով ու խոր գլուխ տվեց Լեբեդևը։

— Լսեցեք, պարոն Լեբեդև, ճի՞շտ են ասում ձեր մասին, որ դուք մեկնաբանում եք հայտնության գիրքը,— հարցրեց Ագլայան։

— Կատարյալ ճշմարտություն է... տասնհինգերորդ տարին է։

— Ես ձեր մասին լսել եմ։ Կարծեմ ձեր մասին թերթերո՞ւմ էլ էին տպել։

— Ոչ, դա ուրիշ մեկնաբանի մասին է, ուրիշի, և նա մեռել է, իսկ ես մնացել եմ նրա փոխարեն,— ուրախությունից ինքն իրեն կորցրած ասաց Լեբեդևը։

— Բարի եղեք, մոտ օրերս մի անգամ մեկնաբանեցեք ինձ համար հարևանաբար։ Ես հայտնությունից բան չեմ հասկանում։

— Չեմ կարող ձեզ չնախազգուշացնել, Ագլայա Իվանովնա, որ այդ բոլորը նրա կողմից միայն շառլատանություն է, հավատացեք,― արագ միջամտեց հանկարծ գեներալ Իվոլգինը, որը կարծես փշերի վրա լիներ և ամբողջ ուժով ուզում էր որևէ կերպ խոսակցություն սկսել. նա նստեց Ագլայա Իվանովնայի կողքին,― իհարկե, ամառանոցն իր իրավունքներն ունի,— շարունակեց նաև իր բավականությունները, և հայտնության գիրքը մեկնաբանելու համար այսպիսի ինտրուսին հրավիրելը մի այլ զվարճանքի պես զվարճանք է և նույնիսկ խելքի տեսակետից հիանալի զվարճանք է, բայց ես... Դուք, կարծեմ, զարմանքո՞վ եք նայում ինձ վրա։ Գեներալ Իվոլգինն եմ, պատիվ ունեմ ներկայանալու։ Ես ձեզ ձեռներիս վրա եմ ման ածել, Ագլայա Իվանովնա։

— Շատ ուրախ եմ։ Ինձ ծանոթ են Վարվառա Արդալիոնովնան և Նինա Ալեքսանդրովնան,— մրթմրթաց Ագլայան, ամբողջ ուժերը լարած, որ չփռթկացնի։

Լիզավետա Պրոկոֆևնան բռնկվեց։ Նրա հոգում վաղուց կուտակված ինչ-որ բան հանկարծ ելք պահանջեց։ Նա տանել չէր կարող գեներալ Իվոլգինին, որի հետ մի ժամանակ ծանոթ էր, բայց շատ վաղուց։

— Ստում ես, եղբայր, սովորությանդ համաձայն, դու երբեք նրան ձեռներիդ վրա ման չես ածել,― զայրույթով գեներալի խոսքը կտրեց նա։

— Դուք մոռացել եք, maman աստված վկա ման է ածել, Տվերում,— հանկարծ հաստատեց Ագլայան։— Մենք այն ժամանակ Տվերում էինք ապրում։ Ես այն ժամանակ վեց տարեկան կլինեի, հիշում եմ։ Նա ինձ համար նետ ու աղեղ պատրաստեց, և նետաձգություն սովորեցրեց, և ես մի աղավնի սպանեցի։ Հիշո՞ւմ եք, մենք միասին մի աղավնի սպանեցինք։

— Իսկ ինձ այն ժամանակ ստվարաթղթե սաղավարտ և փայտե թուր էր բերել, ես էլ եմ հիշում,— բացականչեց Ադելաիդան։

— Ես էլ եմ դա հիշում,— հաստատեց Ալեքսանդրան։— Դուք դեռ այն ժամանակ սպանված աղավնու համար կռվեցիք, և ձեզ անկյուն կանգնեցրին. Ադելաիդան այդպես էլ կանգնած էր, սաղավարտով ու փայտե թրով։

Գեներալը, Ագլայային հայտարարելով, թե նրան ձեռների վրա է ման ածել, դա ասաց այնպես, միայն որպեսզի խոսակցություն սկսեր, և լոկ նրա համար, որ գրեթե միշտ այդպես էր սկսում խոսակցությունը երիտասարդների հետ, եթե հարկավոր էր համարում նրանց հետ ծանոթանալ։ Հայց այս անգամ այնպես պատահեց, որ նա ճշմարտությունն էր ասել և, կարծես դիտմամբ, այդ ճշմարտությունը նա ինքը մոռացել էր։ Այնպես որ, երբ հիմա հանկարծ Ագլայան հաստատեց, որ ինքը նրա հետ աղավնի է սպանել, գեներալի հիշողությունը միանգամից լուսավորվեց, և նա ինքը այդ ամենի մասին հիշեց մինչև վերջին մանրամասնությունը, ինչպես հաճախ տարեց հասակում մարդ մտաբերում է որևէ բան հեռավոր անցյալից։ Դժվար է ասել, թե այդ հիշողության մեջ ինչը այդքան ուժեղ կարող էր ազդել խեղճ և, ըստ սովորականի, մի քիչ գինով գեներալի վրա. բայց նա հանկարծ անասելի հուզվեց։

— Հիշում եմ, ամեն ինչ հիշում եմ,― գոչեց նա։— Ես այն ժամանակ շտաբս-կապիտան էի։ Դուք այսպիսի պստլիկն էիք, լավիկը։ Նինա Ալեքսանդրովնա... Գանյա... Ես ձեզ մոտ... ընդունված էի, Իվան Ֆյոդորովիչ․․․

― Եվ ահա, տեսնո՞ւմ ես, մինչև ուր ես հասել հիմա,— վրա բերեց գեներալի կինը։― Նշանակում է, այնուամենայնիվ, գինու չես տվել քո ազնիվ զգացմունքները, եթե այդպես ազդեց։ Իսկ կնոջդ տանջել ես։ Փոխանակ երեխաներիդ ղեկավարելու, կալանատանն ես նստած։ Գնա, եղբայր, այստեղից, մտիր մի տեղ, կանգնիր դռան հետև մի անկյուն և լաց եղիր, հիշիր քո առաջվա անմեղությունը, գուցե թե աստված ների։ Հապա մի գնա՛, գնա՛, ես քեզ լուրջ եմ ասում։ Ուղղվելու համար ավելի լավ բան չկա, քան զղջանքով անցյալը մտաբերելը։

Բայց հարկ չկար կրկնելու, թե լուրջ են ասում, գեներալը, ինչպես և բոլոր մշտապես գինով մարդիկ, շաա զգայուն էր և ինչպես բոլոր չափից ավելի ընկած գինով մարդիկ, հեշտ չէր դիմանում երջանիկ անցյալի հիշողություններին։ Նա վեր կացավ և, հնազանդ՝ քայլերն ուղղեց դեպի դուռը, այնպես որ Լիզավետա Պրոկոֆևնան անմիջապես խղճահարվեց։

— Արդալիոն Ալեքսանդրովիչ, եղբա՜յր,— կանչեց նրա հետևից,— կանգ առ մի րոպե. մենք բոլորս մեղավոր ենք. երբ զգաս, որ խիղճդ քեզ պակաս է խայթում, եկ ինձ մոտ, նստենք խոսենք անցյալի մասին։ Չէ՞ որ ես ինքս, գուցե, քեզնից հիսուն անգամ ավելի մեղավոր եմ. դե, իսկ հիմա գնաս բարով, գնա, այստեղ գործ չունես...— վախեցավ նա հանկարծ, որ գեներալը կվերադառնա։

— Լավ կլիներ, դեռ հիմա չգնայիք նրա հետևից,— կանգնեցրեց իշխանը Կոլյային, որն ուզեց վազել հոր հետևից։— Թե չէ մի րոպե անց նա կզայրանա և ամբողջ այս պահը կփչանա։

— Այդ ճիշտ է, նրան ձեռ մի տա. կես ժամ հետո գնա,— վճռեց Լիզավետա Պրոկոֆևնան։

— Ահա թե ինչ է նշանակում կյանքում գեթ մի անգամ ճշմարտությունն ասելը, արտասվելու աստիճան ազդեց,— համարձակվեը խոսք գցել Լեբեդևը։

— Է, երևի դու էլ շատ լավն ես, ախպեր. եթե իմացածս ճիշտ է,— անմիջապես նրան սաստեց Լիզավետա Պրոկոֆևնան։

Իշխանի մոտ հավաքված բոլոր հյուրերի փոխադարձ դիրքերը կամաց֊կամաց որոշվեցին։ Իշխանը, հասկանալի է, ի վիճակի էր գնահատելու և գնահատեց գեներալի կնոջ և նրա աղջիկների կարեկցության ամբողջ չափը և, իհարկե, անկեղծորեն հայտնեց նրանց, որ ինքն էլ հենց այսօր, դեռ մինչև նրանց այցելությունը, մտադիր էր անպայման ներկայանալ Նրանց մոտ, չնայելով ոչ իր հիվանդությանը, ոչ ուշ ժամին։ Լիզավետա Պրոկոֆևնան, նայելով նրա հյուրերին, պատասխանեց, որ դա հիմա էլ կարելի է ի կատար ածել։ Պտիցինը, քաղաքավարի ու չափազանց վարվեցող մարդ լինելով, շատ շուտով վեր կացավ ու քաշվեց Լեբեդևի կցաշենքը, շատ ցանկանալով իր հետ տանել նաև Լեբեդևին իրեն։ Սա խոստացավ շուտով գնալ, մինչդեռ այդ ժամանակ Վարյան զրույցի բռնվեց օրիորդների հետ ու մնաց։ Նա և Գանյան շատ ուրախ էին գեներալի հեռանալուն. Գանյան ինքն էլ շուտով գնաց Պտիցինի հետևից։ Իսկ այն մի քանի րոպեն, որ նա անցկացրեց պատշգամբում Եպանչինների հետ, նա իրեն պահում էր համեստ, արժանապատվությամբ և իրեն բոլորովին չկորցրեց Լիզավետա Պրոկոֆևնայի վրճռական հայացքներից, որը երկու անգամ ոտից գլուխ զննեց նրան։

Հիրավի, նրան առաջ ճանաչողները կարող էին մտածել, որ նա շատ է փոխվել։ Դա շատ դուր եկավ Ագլայային։

― Դա Գավրիլա Արդալիոնովիչը չէ՞ր, որ դուրս գնաց,— հարցրեց նա հանկարծ, ինչպես սիրում էր անել երբեմն, բարձրաձայն, կտրուկ, իր հարցով ընդհատելով մյուսների խոսակցությունը և անձնապես ոչ ոքի չդիմելով։

— Նա էր,― պատասխանեց իշխանը։

— Հազիվ ճանաչեցի նրան։ Շատ է փոխվել և... զգալիորեն դեպի ավելի լավը։

— Ես շատ ուրախ եմ նրա համար,— ասաց իշխանը։

— Նա շատ հիվանդ էր,— ավելացրեց Վարյան ուրախ կարեկցությամբ։

— Այդ ի՞նչն է դեպի լավը փոխվել,― զայրացկոտ տարակուսանքով և համարյա վախեցած հարցրեց Լիզավետա Պրոկոֆևնան,― որտեղի՞ց վերցրիր։ Ոչ մի լավ բան չկա։ Հատկապես ի՞նչն է քեզ ավելի լավ թվում։

— «Աղքատ ասպետից» ավելի լավ ոչ մի լավ բան չկա,— ազդարարեց հանկարծ Կոլյան, որ ամբողջ ժամանակ կանգնած էր Լիզավետա Պրոկոֆևնայի մոտ։

— Ես ինքս էլ այդպես եմ կարծում,— ասաց իշխան Շչ-ն և ծիծաղեց։

— Ես լիովին նույն կարծիքին եմ,— հանդիսավոր ձևով ազդարարեց Ադելաիդան։

― Ո՞ր «աղքատ ասպետ»֊ի,— հարցնում էր գեներալի կինը տարակուսանքով ու բարկությամբ նայելով բոլոր խոսողներին, բայց տեսնելով, որ Ագլայան բռնկվեց, սրդողած ավելացրեց.— Որևէ դատարկաբանություն կլինի։ Այդ ի՞նչ «աղքատ ասպետ» է։

— Մի՞թե առաջին անգամն է, որ այս անպիտան տղան՝ ձեր հովանավորյալը, աղավաղում է ուրիշի խոսքերը,— գոռոզ զայրույթով պատասխանեց Ագլայան։

Ագլայայի ամեն մի զայրալից արարքի մեջ (իսկ նա շատ հաճախ էր զայրանում) գրեթե ամեն անգամ, չնայած առերևույթ նրա ողջ լրջությանն ու անողոքությանը, ցոլանում էր դեռ այնքան ինչ֊որ մանկական, անհամբեր աշակերտական և վատ թաքցրած բան, որ երբեմն նրան նայելիս հնար չկար չծիծաղելու, ի դեպ, ի մեծ զայրույթ Ագլայայի, որը չէր հասկանում, թե ինչի վրա են ծիծաղում և «ինչպե՞ս կարող են, ինչպե՞ս են համարձակվում նրանք ծիծաղել»։ Հիմա էլ ծիծաղեցին քույրերը, իշխան Շչ֊ն, և նույնիսկ ժպտաց իշխան Լև Նիկոլաևիչն ինքը, որը նույնպես չգիտես ինչու շիկնեց։ Կոլյան հռհռում և ցնծում էր։ Ագլայան լրջորեն բարկացավ և կրկնակի սիրունացավ։ Նրան խիստ սազում էր շփոթմունքը և հենց դրա հետ բարկությունն իր վրա այդ շփոթմունքի համար։

— Քի՜չ է աղավաղել ձեր խոսքերը,— ավելացրեց նա։

— Ես հենց ձեր սեփական բացականչության վրա եմ հիմնվում,― բղավեց Կոլյան։— Մի ամիս առաջ դուք թերթում էիք «Դոն-Կիխոտը» և բացականչեցիք այդ բառերը, թե «աղքատ ասպետից» լավը չկա։ Չգիտեմ, ում մասին էիք ասում այն ժամանակ, Դոն-Կիխոտի, թե Եվգենի Պավլովիչի մասին, թե էլի մի անձնավորության մասին, միայն թե ինչ-որ մեկի մասին ասում էիք, և երկար խոսակցություն էր գնում...

— Տեսնում եմ, դու արդեն քեզ չափից ավելին ես թույլ տալիս, սիրելիս, քո ենթադրություններով,— բարկացած նրա խոսքը կտրեց Լիզավետա Պրոկոֆևնան։

— Մի՞թե մենակ ես եմ,—չէր լռում Կոլյան,— բոլորն էին ասում այն ժամանակ, ասենք հիմա էլ են ասում, ահա նոր իշխան Շչ֊ն և Ադելաիդա Իվանովնան, և բոլորը հայտարարեցին, որ «աղքատ ասպետի» կողմն են, նշանակում է, «աղքատ ասպետը» գոյություն ունի և անպայման կա, իսկ իմ կարծիքով, եթե Ադելաիդա Իվանովնան ուզենար, ապա մենք բոլորս արդեն վաղուց կիմանայինք, թե ով է «աղքատ ասպետը»։

— Իսկ ե՞ս ինչով եմ մեղավոր,— ծիծաղում էր Ադելաիդան։

— Պատկերը չէիք ուզում նկարել, ահա թե ինչով եք մեղավոր։ Ագլայա Իվանովնան այն ժամանակ ձեզ խնդրում էր նկարել «աղքատ ասպետի» պատկերը և նույնիսկ պատմեց պատկերի ամբողջ սյուժեն, որն հենց ինքն էլ հնարել էր․ հիշո՞ւմ եք սյուժեն։ Դուք չէիք ուզում․․․

— Բայց ինչպե՞ս պիտի նկարեի, ո՞ւմ։ Ըստ սյուժեի դուրս է դալիս, որ այդ «աղքատ ասպետը»

Էլ չբացեք այդ օրվանից Իր դիմկալը երկաթյա։

Այստեղ ի՞նչ դեմք կարող էր ստացվել։ Ի՞նչ նկարեի՝ դիմկա՞լը։ Անոնի՞մ։

— Ոչինչ չեմ հասկանում, թե այդ ինչ դիմկալ է,— գրգռվում էր գեներալի կինը, սկսելով իր մեջ շատ լավ հասկանալ, ով էր նկատի առնվում (և, հավանաբար, արդեն վաղուց պայմանավորված) «աղքատ ասպետ» անվան տակ։ Բայց նրան առանձնապես պայթեցրեց, որ իշխան Լև Նիկոլաևիչը նույնպես ամաչեց և, վերջապես, բոլորովին շփոթվեց, ինչպես տասնամյա տղա։— Ինչ է, վերջանալո՞ւ է թե ոչ այս հիմարությունը։ Ինձ բացատրելո՞ւ են թե ոչ այդ «աղքատ ասպետը»։ Մի ինչ-որ այնպիսի գաղտնի՞ք է, ինչ է, որ մոտենալ էլ չի լինի։

Բայց բոլորը միայն շարունակում էին ծիծաղել։

— Ուղղակի մի տարօրինակ ռուսերեն բանաստեղծություն կա,— միջամտեց իշխան Շչ-ն, ըստ երևույթին ուզենալով որքան կարելի է շուտ կոծկել և փոխել խոսակցությունը,— «աղքատ ասպետի» մասին, մի հատված առանց սկզբի և վերջի։ Մոտ մի ամիս առաջ բոլորս միասին ճաշից հետո ծիծաղում էինք և սովորականի պես սյուժե էինք որոնոէմ Ադելաիդա Իվանովնայի ապագա նկարի համար։ Դուք գիտեք, որ ընդհանուր ընտանեկան խնդիրը վաղուց արդեն այն է, որ սյուժե գտնենք Ադելաիդա Իվանովնայի նկարի համար։ Հենց այդ կապակցությամբ հիշեցինք «աղքատ ասպետին», թե առաջինը ով՝ չեմ հիշում...

— Ագլայա Իվանովնան,— բղավեց Կոլյան։

— Կարող է պատահել, համաձայն եմ, միայն թե ես չեմ հիշում,— շարունակեց իշխան Շչ-ն։— Ոմանք դրա վրա ծիծաղում էին, մյուսները ազդարարում էին, որ ոչինչ չի կարող ավելի բարձր լինել, բայց «աղքատ ասպետին» պատկերելու համար, համենայն դեպս, դեմք էր պետք. սկսեցինք վերհիշել բոլոր ծանոթների դեմքերը, ոչ մեկը պիտանի դուրս չեկավ, դրանով էլ դործը վերջացավ. ահա և բոլորը․ չեմ հասկանում, ինչու Նիկոլայ Արդալինովիչի խելքին փչեց այդ բոլորը հիշեցնել ու ջրի երես հանել։ Ինչ-որ առաջ ծիծաղելի ու տեղին էր, հիմա բոլորովին հետաքրքիր չէ։

— Որովհետև ենթադրվում է մի նոր խայթիչ ու վիրավորական հիմարություն,— բերնին եկավ Լիզավետա Պրոկոֆևնան։

— Ոչ մի հիմարություն չկա, բացի ամենախորին հարգանքից,— բոլորովին անսպասելի՝ նշանակալից ու լուրջ ձայնով հանկարծ արտասանեց Ագլայան, որն արդեն կարողացել էր բոլորովին իշխել իրեն և ճնշել առաջվա շփոթմունքը։ Դեռ ավելին, նրա վրա նայելով, մի քանի նշաններից կարելի էր կարծել, որ հիմա ինքն է ուրախանում, որ կատակը գնալով ավելի է խորանում, և նրա մեջ այդ ամբողջ հեղաշրջումը տեղի ունեցավ հենց այն ակնթարթին, երբ չափազանց ակնհայտ դարձավ իշխանի՝ ավելի ու ավելի աճող և արտակարգ աստիճանի հասած շփոթմունքը։

— Մեկ հռհռում են խենթի պես, իսկ էստեղ հանկարծ խորագույն հարգա՜նք լույս ընկավ։ Կատաղածնե՜ր։ Ինչո՞ւ հարգանք։ Իսկույն ասա, ինչու այդպես հանկարծ, առանց մի պատճառի խորագույն հարգանք հայտնվեց քո մեջ։

— Նրա համար խորագույն հարգանք,— նույնքան լուրջ ու նշանակալից շարունակեց Ագլայան ի պատասխան մոր գրեթե քինոտ հարցին,— նրա համար, որ այդ բանաստեղծության մեջ ուղղակի պատկերված է մի մարդ, որն ընդունակ է իդեալ ունենալ, երկրորդ, իր համար իդեալ ընտրելով, հավատալ դրան, իսկ հավատալով, կուրորեն այդ իդեալին նվիրաբերել իր ողջ կյանքը։ Այդ միշտ չէ, որ պատահում է մեր դարում։ Այնտեղ, այդ բանաստեղծության մեջ, չի ասված, թե որն էր հատկապես «աղքատ ասպետի» իդեալը, բայց երևում է, որ նա ինչ֊որ «լուսավոր կերպար է», «մաքուր գեղեցկության կերպար» և նույնիսկ սիրահարված ասպետը, շալի փոխարեն վզին տերողորմյա էր փաթաթել։ Ճիշտ է, այնտեղ կա նաև մի ինչ-որ մութ, թերասված նշանաբան, Ա. Ն. Բ. տառերը, որոնք նա գրել է իր վահանի վրա...

— Ա. Մ. Դ.,— ուղղեց Կոլյան։

— Իսկ ես ասում եմ Ա, Ն, Բ. և այդպես եմ ուզում ասել,— բարկությամբ նրա խոսքը կտրեց Ագլայան,― ինչ էլ որ լինի, բայց պարզ բան է, որ այդ աղքատ ասպետի համար արդեն միևնույն էր, թե ով կլինի և ինչ կանի իր դաման։ Այն էլ բավական էր, որ նա ընտրել էր նրան և հավատացել նրա «մաքուր գեղեցկությանը», և ապա արդեն խոնարհվել նրա առաջ առհավետ, հենց դրանում է արժանիքը, որ եթե հետո նրա դաման թեկուզ գող լիներ, ապա ասպետը համենայն դեպս պետք է հավատար նրան և հանուն նրա մաքուր գեղեցկության մարտի նետվեր։ Կարծեմ դրա համար էլ ուզում էինք մի արտակարգ կերպարի մեջ հարադրել որևէ մաքուր ու վսեմ ասպետի միջնադարյան պլատոնիկ սիրո ողջ վիթխարի հասկացողությունը։ Հասկանալի է, այդ ամենը իդեալ է։ Իսկ «աղքատ ասպետի» մեջ այդ զգացմունքը արդեն հասել է վերջին աստիճանին, ասկետիզմի. պետք է խոստովանել, որ այդպիսի զգացմունքի ընդունակությունը շատ բան է նշանակում և որ այդպիսի զգացմունքները իրենցից հետո թողնում են խոր հետք և մյուս կողմից չափազանց գովելի, չխոսելով արդեն Դոն֊Կիխոտի մասին։ «Աղքատ ասպետը» նույն Դոն-Կիխոտն է, միայն թե լուրջ և ոչ թե կոմիկական։ Ես սկզբում չէի հասկանում և ծիծաղում էի, իսկ հիմա սիրում եմ «աղքատ ասպետին», իսկ գլխավորը, հարգում եմ նրա սխրանքները։

Այդպես ավարտեց Ագլայան, և, նրան նայելով, նույնիսկ դժվար էր հավատալ, լո՞ւրջ է ասում նա, թե ծիծաղում է։

— Դե, որևէ հիմար է և՛ նա, և՛ նրա սխրանքները,— վճռեց գեներալի կինը։— Եվ դու էլ, սիրելիս, լավ փչեցիր, մի ամբողջ դասախոսություն. նույնիսկ լավ չես անում, իմ կարծիքով։ Համենայն դեպս, թույլատրելի չէ։ Ի՞նչ բանաստեղծություն է։ Կարդա, հավանաբար գիտես։ Ես անպայման ուզում եմ իմանալ այդ բանաստեղծությունը։ Ամբողջ կյանքումս տանել չէի կարող բանաստեղծությունները, կարծես նախազգում էի։ Ի սեր աստծու, իշխան, համբերիր, ինչպես երևում է ես ու դու ստիպված ենք միասին համբերել,— դարձավ նա իշխան Լև Նիկոլաևիչին։ Գեներալի կինը շատ էր բարկացած։

Իշխան Լև Նիկոլաևիչն ուզեց ինչ-որ բան ասել, բայց ոչինչ չկարողացավ արտաբերել շարունակվող շփոթմունքի պատճառով։ Միայն Ագլայան, որ այնքան բան էր թույլ տվել իր «դասախոսության» մեջ, բոլորովին չշփոթվեց, նույնիսկ կարծես ուրախ էր։ Նա անմիջապես վեր կացավ, շարունակ առաջվա պես լուրջ ու նշանակալից, այնպիսի տեսքով, կարծես նախօրոք պատրաստվել էր դրան և միայն հրավերի էր սպասում, դուրս եկավ պատշգամբի մեջտեղը և կանգնեց իշխանի դիմաց, որը շարունակում էր նստել իր բազկաթոռում։ Բոլորը որոշ զարմանքով նայում էին նրան, և դրեթե բոլորը՝ իշխան Շչ-ն, քույրերը, մայրը, տհաճ զգացմունքով նայում էին այդ նոր պատրաստվող չարաճճիությանը, որը, համենայն դեպս, մի քիչ հեռու էր գնացել։ Բայց երևում էր, որ Ագլայային դուր էր գալիս հենց այդ ամբողջ շինծու շարժուձևը, որից նա սկսում էր բանաստեղծության ընթերցման արարողությունը։

Լիզավետա Պրոկոֆևնան քիչ մնաց նրան քշեր իր տեղը, բայց նույն այն րոպեին, հենց որ Ագլայան սկսեց արտասանել հայտնի բալլադը, երկու նոր անձ, բարձրաձայն խոսելով, փողոցից մտան պատշգամբ։ Դա գեներալ Իվան Ֆյոդորովիչ Եպանչինն էր և նրա հետևից մի երիտասարդ։ Մի փոքրիկ հուզում տեղի ունեցավ։

VII

Գեներալին ուղեկցող երիտասարդը մոտ քսանութ տարեկան էր, բարձրահասակ, բարեկազմ, սքանչելի և խելացի դեմքով, խոշոր սև աչքերի սրամիտ ու ծաղրալի արտահայտությամբ։ Ագլայան նույնիսկ չշրշվեց նրա կողմը և շարունակում էր բանաստեղծությունն արտասանել, անբնականորեն շարունակելով նայել միայն իշխանին և միայն նրան դիմելով։ Իշխանի համար պարզ դարձավ, որ նա այդ անում է ինչ֊որ հատուկ հաշվով։ Բայց գոնե նոր հյուրերը մի փոքր լավացրին նրա անհարմար վիճակը։ Նրանց տեսնելով, իշխանը տեղից վեր կացավ, հեռվից սիրալիր գլուխ տվեց գեներալին, նշանացի հասկացրեց, որ չընդհատեն ընթերցումը, իսկ ինքը հասցրեց անցնել բազկաթոռի հետևը, որտեղ, ձախ ձեռքը հենած թիկնակին, շարունակում էր ունկնդրել բալլադը արդեն, այսպես ասած, ավելի հարմար և ոչ այնպիսի «ծիծաղելի» վիճակում, ինչպես բազկաթոռում նստած։ Իր կողմից, Լիզավետա Պրոկոֆևնան երկու անգամ հրամայական շարժումով ձեռքը թափահարեց ներս եկողների վրա, որպեսզի նրանք կանգ առնեն։ Ի միջի այլոց իշխանը շատ էր հետաքրքրվում գեներալին ուղեկցող իր նոր հյուրով, նա պարզ կռահեց, որ դա Եվգենի Պավլովիչ Ռոդոմսկին է, որի մասին արդեն շատ էր լսել և հաճախ մտածել։ Նրան շփոթեցնում էր միայն Ռոդոմսկու քաղաքացիական զգեստը, նա լսել էր, որ Եվգենի Պավլովիչը զինվորական է։ Բանաստեղծության ընթերցման ամբողջ ընթացքում ծաղրական ժպիտը թափառում էր նոր հյուրի շրթունքներին, կարծես թե նա էլ արդեն որոշ բան լսել էր «աղքատ ասպետի» մասին։

«Գուցե ինքն էլ հնարել է»,— մտածեց իշխանն ինքն իրեն։

Բայց բոլորովին այլ բան էր կատարվում Ագլայայի հետ։ Ամբողջ սկզբնական շինծուությունն ու փքունությունը, որով նա հանդես եկավ ընթերցելու, նա քողարկեց այնպիսի լրջությամբ և բանաստեղծական ստեղծագործության ոգու և իմաստի մեջ այնպիսի թափանցումով, այնքան իմաստալից էր արտասանում բանաստեղծության ամեն մի բառը, այնպիսի բարձրագույն պարզությամբ էր ասում դրանք, որ ընթերցման վերջում ոչ միայն գրավեց համընդհանուր ուշադրություն, այլև բալլադի վսեմ ոգին հաղորդելով, կարծես մասամբ արդարացրեց այն խիստ շինծու լրջությունը, որով նա այդպես հանդիսավոր ձևով դուրս եկավ պատշգամբի կենտրոնը։ Այդ լրջության մեջ այժմ կարելի էր տեսնել լոկ նրա անսահման հարգանքը ու թերևս նույնիսկ միամտությունը առ այն, ինչ նա հանձն էր առել հաղորդել։ Նրա աչքերը շողում էին և ոգեշնչման ու հիացմունքի թեթև, հազիվ նկատելի սարսուռը մի երկու անգամ անցավ նրա սքանչելի դեմքի վրայով։ Նա կարդաց.

Ապրում էր մի աղքատ ասպետ՝
Վարքով պարզ ու հասարակ,
Մռայլադեմ ու միշտ գունատ,
Հողով արի ու շիտակ։

Տեսել էր նա օրվան մի օր
Մի սուրր տեսիլք անպատում,
Եվ տեսիլքն այդ անջինջ ու խոր
Հետք էր թողել իր սրտում։

Այդ օրվանից սերը սրտում,
Էլ չէր նայում նա կանանց,
Եվ ոչ մեկին իր ողջ կյանքում
Հրապուրել չջանաց։

Էլ չբացեց այդ օրվանից
Իր դիմկալը երկաթյա.
Եվ, շալի տեղ, նա իր վզից
Կախեց մի տերողորմյա։

Եվ ջերմ հույսով ու սիրով լի,
Իր վահանին հաղթապանծ
Գրեց Ave, mater Dei[23],
Գրեց արյամբ իր թափած։

Եվ երբ հեռու Պաղեստինում,
Թշնամու դեմ նետվելիս,
Ամեն ասպետ իր պաշտելի
Տիկնոջ անունն էր տալիս,—

Lumen coeli, sancta Rosa![24]
Գոչում էր նա սաստկաձայն,
Եվ մուսուլման զորքն ահաբեկ
Ետ էր փախչում ցիրուցան։

Եվ երբ դարձավ դղյակն իր լուռ՝
Էլ չերևաց ոչ ոքի,
Միշտ սիրահար ու միշտ տխուր՝
Մեռավ առանց աղոթքի։

Հետագայում մտաբերելով այդ ամբողջ րոպեն, իշխանը երկար ժամանակ արտակարգ շփոթմունքի մեջ տանջվում էր իր համար անլուծելի մի հարցից․ ինչպե՞ս կարելի էր միացնել այդպիսի ճշմարիտ, սքանչելի զդացմունքը այդպիսի բացահայտ ու չարամիտ ծաղրի հետ։ Որ ծաղր կար, դրանում նա չէր կասկածում, նա պարզ հասկացավ այդ և դրա համար պատճառներ ուներ․ ընթերցման ժամանակ Ագլայան իրեն թույլ տվեց Ave, mater Dei—ն փոխարինել _Բ. Ն. Ֆիլի_ տառերով։ Որ այստեղ սխալ չկար և ինքը սխալ չէր լսել, դրանում կասկածել չէր կարող (հետագայում դա ապացուցվեց)։ Համենայն դեպս Ագլայայի արարքը, որ, իհարկե, կատակ էր, թեև շատ կոպիտ ու թեթևամիտ կատակ,— կանխամտածված էր։ «Աղքատ ասպետի» մասին բոլորը խոսում (և «ծիծաղում») էին դեռ մոտ մի ամիս առաջ։ Մինչդեռ ինչքան էլ հետո միտն էր բերում իշխանը, դուրս էր գալիս, որ Ագլայան այդ տառերն արտասանեց ոչ միայն առանց որևէ կատակի արտահայտության կամ որևէ ծաղրի, կամ նույնիսկ առանը որևէ ձևով շեշտելու այդ տառերը, որպեսզի ավելի ցայտուն ձևով մատնի դրանց թաքուն իմաստը, այլ, ընդհակառակը, այնպիսի անփոփոխ լրջությամբ, այնպիսի անմեղ ու միամիտ պարզությամբ, որ կարելի էր կարծել, թե հենց այդ տառերն էին բալլադում և որ գրքում այդպես էր տպված։ Ինչ֊որ ծանր ու անախորժ բան կարծես խոցեց իշխանին։ Լիզավետա Պրոկոֆևնան, իհարկե, չհասկացավ ու չնկատեց ոչ տառերի փոփոխությունը, ոչ ակնարկը։ Գեներալ Իվան Ֆյոդորովիչն այնքանը հասկացավ, որ բանաստեղծություն էին արտասանում։ Մնացած ունկնդիրներից շատ շատերը հասկացան և զարմացան թե՛ արարքի համարձակությանը, թե՛ մտադրությանը, բայց լռեցին ու աշխատում էին ցույց չտալ։ Բայց Եվգենի Պավլովիչը (իշխանը նույնիսկ պատրաստ էր գրազ գալ) ոչ միայն հասկացավ, այլ նույնիսկ աշխատում էր ցույց տալ, որ հասկացել է, նա չափազանց ծաղրալի ժպտաց։

— Ի՜նչ հիանալի բան է,— բացականչեց գեներալի կինը իսկական արբեցմամբ, հենց որ ընթերցումն ավարտվեց,— ո՞ւմ բանաստեղծությունն է։

— Պուշկինի, maman, մի ամաչեցրեք մեզ, դա ամոթ է,— բացականչեց Ադելաիդան։

— Էհ, ձեզ հետ մարդ դեռ սրանից ավելի կհիմարանա,—դաշնորեն արձագանքեց Լիզավետա Պրոկոֆևնան։— Խայտառակությո՜ւն։ Հենց որ տուն գնանք, անմիջապես ինձ տվեք Պուշկինի այդ բանաստեղծությունը։

— Բայց կարծեմ մենք բոլորովին չունենք Պուշկին։

— Անհիշելի ժամանակներից,— ավելացրեց Ալեքսանդրան,— ինչ֊որ երկու քրքրված հատոր է ընկած այնտեղ։

— Անմիջապես քաղաք ուղարկել գնելու, Ֆյոդորին կամ Ալեքսեյին, առաջին գնացքով, ավելի լավ է Ալեքսեյին, Ագլայա, եկ այստեղ։ Համբուրիր ինձ, դու հիանալի կարդացիր, բայց եթե անկեղծ կարդացիր,— ավելացրեց նա դրեթե շշուկով,— ապա ես քեղ խղճում եմ. եթե դու նրան ծաղրելու համար կարդացիր, ապա քո զգացմունքներին հավանություն չեմ տալիս, այնպես որ բոլոր դեպքերում ավելի լավ կլիներ բոլորովին չկարդայիր։ Հասկանո՞ւմ ես։ Գնա, տիրուհիս, ես դեռ քեզ հետ կխոսեմ, իսկ մենք երկար նստեցինք այստեղ։

Այդ միջոցին իշխանը ողջունում էր գեներալ Իվան Ֆյոդորովիչին, իսկ գեներալը Եվգենի Պավլովիչ Ռոդոմսկուն ներկայացնում էր նրան։

— Ճանապարհին բռնեցի, նա հենց նոր էր գալիս գնացքով. իմացավ, որ այստեղ եմ գալիս և մերոնք բոլորն այստեղ են...

— Իմացա, որ դուք էլ այստեղ եք,— ընդմիջեց Եվգենի Պավլովիչը,— և քանի որ արդեն վաղուց և անպայման որոշել էի փնտրել ոչ միայն ձեր ծանոթությունը, այլև բարեկամությունը, ուստի չէի ուզում ժամանակ կորցնել։ Դուք անառո՞ղջ եք։ Ես հենց նոր իմացա...

— Բոլորովին առողջ եմ և շատ ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու, շատ եմ լսել և նույնիսկ խոսել ձեր մասին իշխան Շչ-ի հետ,— պատասխանեց Լև Նիկոլաևիչը, նրան պարզելով ձեռքը։

Փոխադարձ քաղաքավարություններն ասված էին, երկուսն էլ սեղմեցին միմյանց ձեռք և ուշադիր նայեցին իրար աչքերի մեջ։ Մի ակնթարթում խոսակցությունը դարձավ ընղհանուր։ Իշխանը նկատեց (իսկ նա հիմա ամեն ինչ նկատում էր արագ և ագահորեն, նույնիսկ, թերևս բոլորովին չեղած բաներ), որ Եվգենի Պավյովիչի քաղաքացիական զգեստը համընդհանուր և ինչ֊որ շատ ուժեղ զարմանք էր առաջացնում, այն աստիճան, որ նույնիսկ մնացած բոլոր տպավորությունները առժամանակ մոռացվեցին ու հարթվեցին։ Կարելի էր կարծել, որ զգեստի այդ փոփոխության մեջ ինչ-որ առանձնահատուկ կարևոր բան էր պարունակվում։ Ադելաիդան ու Ալեքսանդրան տարակուսանքով հարցուփորձ էին անում Եվգենի Պավչովիչին։ Իշխան Շչ-ն, նրա ազգականը՝ նույնիսկ մեծ անհանգստությամբ. գեներալը խոսում էր գրեթե հուզմունքով։ Միայն Ագլայան հետաքրքրությամբ, բայց միանգամայն հանգիստ մի րոպե նայեց Եվգենի Պավլովիչին, կարծես միայն ցանկանալով համեմատել, արդյոք զինվորակա՞ն, թե քաղաքացիական զգեստն է նրան ավելի սազում, բայց մի րոպե անց շուռ եկավ և արդեն այլևս չէր նայում նրան։ Լիզավետա Պրոկոֆևնան նույնպես չուզեց ոչ մի բանի մասին հարցնել, թեև, կարող է պատահել, նա էլ էր մի քիչ անհանգստանում։ Իշխանին թվաց, որ կարծես թե Եվգենի Պավլովիչը նրա համակրանքը չի վայելում։

— Զարմացրեց, շշմեցրեց,— պնդում էր Իվան Ֆյոդորովիչն ի պատասխան բոլոր հարցերի։— Ես հավատալ չէի ուզում, երբ դեռ քիչ առաջ նրան Պետերբուրդում հանդիպեցի։ Եվ ինչո՞ւ այդպես հանկարծակի, ահա խնդիրը։ Առաջին հերթին ինքն է բղավում, թե հարկավոր չէ սուր ճոճել։

Սկսված խոսակցություններից պարզվեց, որ Եվգենի Պավլովիչն այդ պաշտոնաթողության մասին ազդարարում էր արդեն շատ վաղուց, բայց ամեն անգամ խոսում էր այնքան ոչ լուրջ, որ նրան հավատալ չէր լինի։ Եվ լուրջ բաների մասին էլ նա միշտ խոսում էր այնպիսի կատակի ձևով, որ երբեք չէր կարելի հասկանալ նրան, մանավանդ եթե ինքը ուզենար, որ չհասկանային։

— Ես ախր ժամանակավոր, մի քանի ամսով, ամենաշատը մի տարի կլինեմ պաշտոնաթող,— ծիծաղում էր Ռոդոմսկին։

— Բայց ոչ մի կարիք չկա, համենայն դեպս, որքան գիտեմ ձեր գործերը,— դեռ շարունակ տաքանում էր գեներալը։

— Իսկ կալվածներս շրջե՞լը, ինքներդ էիք խորհուրդ տալիս. ըստ որում ես նաև արտասահման գնալ եմ ուզում...

Խոսակցությունը, սակայն, շուտով փոխվեց, բայց համենայն դեպս չափազանց առանձնահատուկ և դեռևս շարունակվող անհանգստությունը, իշխանի կարծիքով, որը հետևում էր դրան, չափից ավելի էր, և հավանաբար այստեղ ինչ֊որ առանձնահատուկ բան կար։

— Ուրեմն «աղքատ ասպետը» նորի՞ց բեմի վրա է,― հարցրեց Եվգենի Պավլովիչը, մոտենալով Ագլայային։

Ի զարմանս իշխանի, Ագլայան տարակուսանքով ու հարցական նայեց Ռոդոմսկուն, ասես ուզում էր նրան հասկացնել, որ իրենց մեջ խոսք անգամ չէր կարող լինել «աղքատ ասպետի» մասին և որ ինքը նույնիսկ չի հասկանում նրա հարցը։

― Բայց ուշ է, ուշ է հիմա Պուշկինի համար քաղաք ուղարկելը, ո՜ւշ է,— վիճում էր Կոլյան Լիզավետա Պրոկոֆևնայի հետ, ամբողջովին ուժասպառ լինելով,— երեք հազար անգամ ասում եմ ձեզ, ուշ է։

― Այո, իսկապես հիմա ուշ է քաղաք ուղարկելու համար,— այստեղ էլ մեջ մտավ Եվգենի Պավլովիչը, որքան կարելի է շուտ թողնելով Ագլայային,— կարծում եմ, որ կրպակներն էլ փակ են Պետերբուրգում, ժամը ինն է լինում,— հաստատեց նա, ժամացույցը հանելով։

— Այսքան սպասել եք, չեք որոնել, կարելի է մինչև վաղը համբերել,— վրա բերեց Ադելաիդան։

— Եվ վայելուչ էլ չէ,— ավելացրեց Կոլյան,— որ բարձըրաշխարհիկ մարդիկ այդքան հետաքրքրվեն գրականությամբ։ Հարցրեք Եվգենի Պավլիչին։ Շատ ավելի վայելուչ է կարմիր անիվավոր դեղին շարաբանով զբոսնելը։

— Դուք դարձյալ գրքից եք խոսում, Կոլյա,— նկատեց Ադելաիդան։

— Նա այլ կերպ չի խոսում, քան գրքերից,— վրա բերեց Եվգենի Պավլովիչը,— արտահայտվում է քննադատական տեսություններից ամբողջ ֆրազներ օգտագործելով։ Ես վաղուց բավականություն ունեմ գիտենալու Նիկոլայ Արդալիոնովիչի խոսակցության ձևը, բայց այս անգամ նա գրքից չի խոսում։ Նիկոլայ Արդալիոնովիչը բացահայտորեն ակնարկում է իմ կարմիր անիվներով դեղին շարաբանը։ Միայն թե ես դա արդեն փոխել եմ, դուք ուշացել եք։

Իշխանն ականջ էր դնում Ռոդոմսկու ասածներին... Նրան թվաց, որ վերջինս իրեն պահում է հիանալի, համեստ, ուրախ, և առանձապես դուր եկավ, որ նա այդպիսի կատարյալ հավասարությամբ և բարեկամաբար էր խոսում նրան կռվի առիթ տվող Կոլյայի հետ։

— Այդ ի՞նչ է,— դիմեց Լիզավետա Պրոկոֆևնան Վերային՝ Լեբեդևի աղջկան, որը կանգնել էր նրա առաջ, մեծ ծավալի, հրաշալի կազմած և գրեթե նոր մի քանի գիրք ձեռքին։

— Պուշկին,— ասաց Վերան։— Մեր Պուշկինը։ Հայրիկս պատվիրեց ձեզ հրամցնել։

— Ինչպե՞ս թե։ Ինչպե՞ս կարելի է,— զարմացավ Լիզավետա Պրոկոֆևնան։

— Ոչ իբրև նվեր, ոչ իբրև նվեր։ Չէի համարձակվի,— աղջկա ուսի հետևից դուրս նետվեց Լեբեդևը,— իր գնով։ Դա մեր սեփական, ընտանեկան, տոհմական Պուշկինն է, Աննենկովի հրատարակությունը, որը հիմա չի էլ կարելի ճարել, իր գնով։ Հրամցնում եմ երկյուղածությամբ, ցանկանալով վաճառել և դրանով հագուրդ տալ ձերդ գերազանցության գրական ազնվագույն զգացմունքների ազնիվ անհամբերությանը։

— Հա, որ ծախում ես, ուրեմն շնորհակալություն։ Ունեցածդ չես կորցնի. միայն թե, խնդրեմ, մի ծամածռվիր, եղբայր։ Լսել եմ քո մասին, դու, ասում են, շատ կարդացած ես. մի անգամ կզրուցենք. ի՞նքդ կբերես ինձ մոտ, թե ինչպես։

— Երկյուղածությամբ և... հարգանքո՜վ,— ծամածռվում էր արտասովոր գոհ Լեբեդևը, գրքերը խլելով աղջկա ձեռքից։

— Դե տես, որ չկորցնես, տար թեկուզև առանց հարգանքի, բայց միայն պայմանով,— ավելացրեց նա, ուշադիր զննելով նրան,— միայն մինչև շեմքը կթողնեմ, իսկ այսօր քեզ ընդունել մտադիր չեմ։ Աղջկանդ՝ Վերային, ուղարկիր թեկուզ այսօր, նա ինձ շատ դուր եկավ։

— Ինչո՞ւ նրանց մասին չեք ասում,— անհամբերությամբ հորը դիմեց Վերան,— ախր նրանք, եթե այդպես է, ինքները ներս կմտնեն. սկսել են աղմկել։ Լև Նիկոլաևիչ,— դարձավ նա իշխանին, որն արդեն վերցրել էր իր գլխարկը,— այնտեղ արդեն վաղուց ձեզ մոտ ինչ-որ մարդիկ են եկել, չորս հոգի, սպասում են մեր տանը և հայհոյում, բայց հայրիկս չի թողնում ձեզ մոտ։

— Ի՞նչ հյուրեր են,— հարցրեց իշխանը։

— Ասում են, գործով են եկել, միայն թե ախր այնպիսի մարդիկ են, որ եթե հիմա չթողնեք, նրանք ճանապարհին էլ կկանգնեցնեն։ Ավելի լավ է, Լև Նիկոլաևիչ, թողնեք, իսկ հետո արդեն հոգիներդ ազատեք նրանցից։ Այնտեղ նրանց Գավրիլա Արդալիոնովիչն ու Պտիցինը համոզում են, բայց նրանք չեն լսում։

— Պավլիշչևի որդին է։ Պավլիշչևի որդին է։ Չարժե, չարժե,— ձեռներն էր թափահարում Լեբեդևը։— Նրանց Լսել իսկ չարժե. և ամոթ է, որ նրանց համար ձեզ անհանգստացնեք, ամենապայծառափայլ իշխան։ Ահա՛։ Նրանք չարժեն դրան...

— Պավլիշչևի որդի՜ն։ Աստվա՜ծ իմ,— բացականչեց իշխանը արտակարգ հուզմունքով,— ես գիտեմ... բայց ես... ես այդ գործը հանձնարարել եմ Գավրիլա Արդալիոնովիչին։ Նոր Գավրիլա Արդալինովիչն ինձ ասում էր...

Բայց Գավրիլա Արդալիոնովիչն արդեն սենյակներից մտավ պատշգամբ, նրան հետևում էր Պտիցինը։ Ամենամոտիկ սենյակից լսվեց աղմուկ և գեներալ Իվոլգինի բարձր ձայնը, որ կարծես ուզում էր իր բղավոցով կտրել մի քանի ձայներ։ Կոլյան անմիջապես վազեց աղմուկի կողմը։

— Դա շատ հետաքրքիր է,— բարձրաձայն նկատեց Եվգենի Պավլովիչը։

«Նշանակում է, գործին ծանոթ է»,— մտածեց իշխանը։

— Ի՞նչ Պավլիշչևի տղա։ Եվ Պավյլիշչևի ի՞նչ տղա կարող է լինել,― տարակուսանքով հարցնում էր գեներալ Իվան Ֆյոդորովիչը, հետաքրքրությամբ դիտելով բոլոր դեմքերը և զարմացած նկատելով, որ այդ նոր պատմությունը միայն իրեն հայտնի չէ։

Հիրավի, հուզմունքն ու սպասումը ընդհանուր էր։ Իշխանը խորապես զարմացավ, որ նրա միանգամայն անձնական գործը արդեն կարողացել է այստեղ բոլորին այդպես հետաքրքրել։

— Շատ լավ կլինի, եթե հենց հիմա և ինքներդ վերջացնեք այս գործը,— ասաց Ագլայան, մի առանձնահատուկ լրջությամբ մոտենալով իշխանին,― իսկ մեզ բոլորիս թույլ տաք ձեր վկաները լինել։ Ձեզ ուզում են արատավորել, իշխան, դուք պետք է հանդիսավոր կերպով արդարացնեք ձեզ և ես վաղօրոք սաստիկ ուրախ եմ ձեզ համար։

— Ես էլ եմ ուզում, որ վերջապես վերջանա այդ զզվելի պահանջը,― գոչեց գեներալի կինը,— մի լավ հասցրու դրանց, իշխան, մի՛ խնայիր։ Այդ գործով ականջներս տարան, և ես շատ արյուն եմ պղտորել քո պատճառով։ Եվ հետաքրքիր է մտիկ անելը։ Կանչիր նրանց, իսկ մենք կնստենք, Ագլայան լավ մտածեց։ Դուք այդ մասին որևէ բան լսե՞լ եք, իշխան,— դարձավ նա իշխան Շչ֊ին։

— Իհարկե լսել եմ. հենց ձեր տանը։ Բայց հատկապես ուզում եմ տեսնել այդ երիտասարդներին,— պատասխանեց իշխան Շչ֊ն։

— Հենց դրա՞նք են որ կան նիհիլիստները, ինչ է։

— Ոչ, չի կարելի ասել, թե նրանք նիհիլիստներ են,― առաջ քայլեց Լեբեդևը, որը նույնպես համարյա դողում էր հուզմունքից,— սրանք ուրիշ են, առանձնահատուկ, քրոջս տղան ասում էր, որ սրանք նիհիլիստներից առաջ են անցել․ դուք զուր եք կարծում ձեր ներկայությամբ նրանց շփոթեցնել, ձերդ գերազանցություն, նրանք չեն շփոթվի։ Նիհիլիստները համենայն դեպս երբեմն բանիմաց մարդիկ են, նույնիսկ գիտուն, իսկ սրանք առաջ են անցել, որովհետև ամենից առաջ գործնական են։ Դա, իսկապես ասած, նիհիլիզմի որոշ հետևանք է, բայց ոչ ուղիղ ճանապարհով, այլ դեսից֊դենից իմացածով և ոչ թե որևէ ամսագրային հոդվածով են հանդես գալիս, այլ արդեն ուղղակի գործով. բանը, օրինակ, ոչ թե ինչ֊որ Պուշկինի անիմաստության մասին է, և ոչ թե, օրինակ, Ռուսաստանի մասնատման անհրաժեշտության մասին. ո֊ոչ, այլ հիմա ուղղակի իրավունք է համարվում, որ եթե մի բան շատ ես ուզում, ապա ոչ մի արգելքի առաջ կանգ մի առնի, թեկուզ այդ ժամանակ ստիպված լինես ութ հոգի սպանել։ Բայց, իշխան, այնուամենայնիվ ձեզ խորհուրդ չէի տա...

Բայց իշխանն արդեն գնում էր հյուրերի առաջ դուռը բացելու։

— Դուք զրպարտում եք, Լեբեդև,— ասաց նա ժպտալով,― ձեզ շատ է վշտացրել ձեր քրոջորդին։ Մի հավատացեք նրան, Լիզավետա Պրոկոֆևնա։ Հավատացնում եմ ձեզ, որ Գորսկիները և Դանիլովները միայն դեպքեր են, իսկ սրանք միայն... սխալվում են... Միայն թե ես չէի ուզենա այստեղ, բոլորի ներկայությամբ։ Ներեցեք, Լիզավետա Պրոկոֆևնա, նրանք կմտնեն, ես նրանց ձեզ ցույց կտամ, հետո կտանեմ։ Համեցեք, պարոնայք։

Իշխանին ավելի շուտ անհանգստացնում էր մի ուրիշ տանջալի միտք։ Նրա մտքովն անցնում էր, թե արդյոք այս գործը մեկնումեկը չի՞ սարքել հիմա, հատկապես այս ժամ ու ժամանակին, նախօրոք, հատկապես այս վկաների մոտ և, գուցե, սպասելիք խայտառակության և ոչ թե նրա հաղթանակի համար։ Բայց նա չափազանց տխուր էր իր «հրեշավոր ու չար կասկածամտության» համար։ Նա կմեռներ, երևի, եթե որևէ մեկն իմանար, որ նրա մտքով այդպիսի բաներ են անցնում, և այն րոպեին, երբ ներս մտան նոր հյուրերը, նա պատրաստ էր բարոյական տեսակետից իրեն համարել բոլոր իր շուրջը գտնվողներից վերջիններից վերջինը։

Ներս մտան հինգ հոգի, չորս հոգի նոր հյուրերը և հինգերորդը նրանց հետևից՝ գեներալ Իվոլգինը, բորբոքված, հուզված և պերճախոսության սաստիկ նոպայով բռնված։ «Այս մեկը որ անպայման իմ կողմը կլինի»,— ժպտալով մտածեց իշխանը։ Կոլյան սողոսկեց բոլորի հետ. նա տաք-տաք խոսում էր Իպոլիտի հետ, որը այցելուների թվում էր. Իպոլիտը լսում էր և քմծիծաղ տալիս։

Իշխանը հյուրերին նստեցրեց։ Նրանք բոլորը այնքան ջահել, նույնիսկ այնքան անչափահաս մարդիկ էին, որ կարելի էր զարմանալ թե դեպքից, թե դրա առիթով տեղի ունեցած ամբողջ ձևականությունից։ Իվան Ֆյոդորովիչ Եպանչինն, օրինակ, որ ոչինչ չգիտեր և ոչինչ չէր հասկանում այս «նոր գործից», նույնիսկ զայրացավ, տեսնելով այդքան ջահելների, և հավանաբար որևէ ձևով կբողոքեր, եթե նրան չկասեցներ կնոջ՝ իր համար տարօրինակ եռանդը իշխանի մասնավոր շահերի հարցում։ Նա, ասենք, այդտեղ մնաց մասամբ հետաքրքրությունից, մասամբ բարեսրտությունից, հուսալով նույնիսկ օգնել և, համենայն դեպս, պետք գալ իր հեղինակությամբ. բայց ներս մտած գեներալ Իվոլգինի՝ հեռվից նրան ուղղած ողջույնը նրան նորից զայրացրեց, նա խոժոռվեց ու որոշեց համառորեն լռել։

Չորս ջահել այցելուների մեջ մեկը, սակայն, մոտ երեսուն տարեկան էր, «ռոգոժինյան խմբի պաշտոնաթող պորուչիկ, բռնցքամարտիկ, որը խնդրարկուներին մի ժամանակ ինքն էր տալիս տասնհինգական ռուբլի»։ Հասկացվում էր, որ նա մնացածներին ուղեկցում էր խումբ կազմած լինելու համար, որպես անկեղծ բարեկամ և, եթե հարկ լինի, նրանց օժանդակելու համար։ Իսկ մնացածների մեջ առաջին տեղը և առաջին դերը գրավում էր նա, որին վերագրվում էր «Պավլիշչևի որդին» անունը, թեև նա իրեն ներկայացրեց որպես Անտիպ Բուրդովսկի։ Դա աղքատ ու փնթի հագնված մի երիտասարդ էր, թևքերը կեղտից հայելու փայլ ստացած սերթուկով, ճարպոտ, մինչև վերևը կոճկած ժիլետով, չգիտես ուր անհայտացած սպիտակեղենով, անասելի յուղոտած և հանգույց արած սև մետաքսե շարֆով, չլվացած ձեռքերով, խիստ պզուկավոր դեմքով, խարտյաշ մազերով և, եթե կարելի է այսպես արտահայտվել, անմեղ֊լրբենի հայացքով։ Նա ցածրահասակ չէր, նիհարավուն էր, մոտ քսաներկու տարեկան։ Նրա դեմքին չէր արտահայտվում ամենափոքր իսկ իրոնիա, ամենափոքր իսկ խորհրդածություն. ընդհակառակը, նկատվում էր լիակատար, բութ արբեցում սեփական իրավունքով և միաժամանակ շարունակ վիրավորված լինելու և այդպես զգալու տարօրինակության հասնող մշտական պահանջի նման մի բան։ Սա խոսում էր հուզված, շտապելով ու կապ ընկնելով, կարծես լրիվ չարտասանելով բառերը, ասես թլվատ լիներ կամ նույնիսկ օտարերկրացի, չնայած, ի դեպ, որ միանգամայն ռուսական ծագում ուներ։

Նրան ուղեկցում էր, նախ, ընթերցողին հայտնի՝ Լեբեդևի քրոջորդին, և երկրորդ, Իպոլիտը։ Իպոլիտը շատ ջահել տղա էր, մոտ տասնյոթ, գուցե և տասնութ տարեկան, դեմքի խելացի, բայց շարունակ գրգռված արտահայտությամբ, որի վրա հիվանդությունը սարսափելի հետքեր էր թողել։ Նա կմախքի պես նիհար էր, դալկադեղին, աչքերը պսպղում էին և այտերի վրա վառվում էր երկու կարմիր բիծ։ Նա անընդհատ հազում էր. նրա յուրաքանչյուր բառը, գրեթե յուրաքանչյուր շնչառությունն ուղեկցվում էր խռխռոցով։ Երևում էր խիստ բարդության հասած թոքախտը։ Թվում էր, թե նրան երկու֊երեք շաբաթից ավելի չի մնացել ապրելու։ Նա շատ էր հոգնել և բոլորից առաջ նստեց աթոռին։ Մյուսները մի քիչ ձևականություն արեցին ներս մտնելիս և համարյա շփոթվեցին, սակայն լուրջ տեսք ունեին և ըստ երևույթին վախենում էին որևէ ձևով իրենց արժանապատվությունը գցելուց, որը տարօրինակ կերպով չէր ներդաշնակում այն համբավին, որ նրանք ունեին, որպես ամեն տեսակի դատարկ րարձրաշխարհիկ մանրուքները, նախապաշարմունքները, սեփական շահերից բացի, աշխարհում համարյա ամեն ինչ ժխտող մարդիկ։

— Անտիպ Բուրդովսկի,— աճապարանքով ու կմկմալով, ազդարարեց «Պավլիշչևի որդին»։

— Վլադիմիր Դոկտորենկո,― պարզ, որոշակի և նույնիսկ մի տեսակ պարծենալով, որ ինքը Դոկտորենկո է, ներկայացավ Լեբեդևի քրոջորդին։

— Կելլեր,― մրթմրթաց պաշտոնաթող պորուչիկը։

— Իպոլիտ Տերենտև,— անսպասելի ճղճղան ձայնով ծղրտաց վերջինը։ Բոլորը, վերջապես, մի շարքի վրա նստեցին աթոռներին, իշխանի դիմաց, բոլորը, ներկայանալով, անմիջապես խոժոռվեցին և սրտապնդվելու համար մի ձեռքից մյուսն առան իրենց գլխարկները, բոլորը պատրաստվեցին խոսելու, և սակայն, բոլորը լուռ էին, ինչ֊որ բանի սպասելով մարտահրավերի արտահայտությամբ, որի մեջ պարզ կարդացվում էր․ «Չէ՜, եղբայր, չես խաբի»։ Զգացվում էր, որ հերիք էր մեկնումեկը սկզբի համար միայն մի՝ առաջին բառն արտասաներ, անմիջապես նրանք բոլորը միասին կսկսեին խոսել, իրարից առաջ անցնելով ու իրար ընդհատելով։

VIII

— Պարոնայք, ես ձեզնից ոչ մեկին չէի սպասում,— սկսեց իշխանը,— ես ինքս մինչև այսօր հիվանդ էի, իսկ ձեր գործը (դարձավ նա Անտիպ Բուրդովսկուն) դեռ մի ամիս առաջ հանձնարարել եմ Գավրիլա Արդալիոնովիչ Իվոլգինին, որի մասին հենց այն ժամանակ ձեզ տեղեկացրի։ Ասենք, ես չեմ խուսափում անձնական բացատրությունից, միայն համաձայնեցեք, այս ժամին... ես առաջարկում եմ ինձ հետ գնալ մյուս սենյակը, եթե երկար չի տևի... հիմա իմ բարեկամներն այստեղ են և հավատացեք․․․

— Բարեկամները... ինչքան կամենաք, սակայն թույլ տվեք,— ընդմիջեց հանկարծ խիստ խրատական եղանակով, թեև դեռ այնքան էլ ձայնը չբարձրացնելով, Լեբեդեի քրոջորդին,― ուրեմն թույլ տվեք և մեզ հայտարարելու, որ դուք կարող էիք մեզ հետ ավելի քաղաքավարի վարվել, և ոչ թե հարկադրել, որ երկու ժամ սպասենք ձեր ծառայանոցում...

— Եվ, իհարկե... ես էլ․․․ և դա իշխանավարի՜ է։ Եվ այդ... ուրեմն դուք եք, գեներա՜լ։ Եվ ես ձեզ համար լակեյ չե՛մ։ Եվ ես, ես...— հանկարծ արտասովոր հուզմունքով սկսեց մրթմրթալ Անտիպ Բուրդովսկին, դողացող շրթունքներով, վիրավորանքից դողացող ձայնով, բերանից դուրս թռչող ցայտերով, կարծես ամբողջովին պայթել էր կամ պատռվել, բայց հանկարծ այնպես շտապեց, որ նրա տասը խոսքից հետո արդեն ոչինչ չէր կարելի հասկանալ։

— Դա իշխանավարի՜ էր,— թղավեց ճղճղան, ճաքած ձայնով Իպոլիտը։

— Եթե դա ինձ պատահած լիներ,— փնթփնթաց բռնցքամարտիկը,— այսինքն, եթե դա ուղղակի ինձ վերաբերվեր, ինչպես ազնիվ մարդու, ապա ես Բուրդովսկու տեղը լինեի... Ես...

— Պարոնայք, ես ընդամենը մի րոպե առաջ իմացա, որ դուք այստեղ եք, աստված վկա,— նորից կրկնեց իշխանը։

— Մենք չենք վախենում, իշխան, ձեր բարեկամներից, ով էլ որ լինեն դրանք, որովհետև մենք մեր իրավունքի տերն ենք,— նորից հայտարարեց Լեբեդևի քրոջորդին։

— Սակայն, թույլ տվեք ձեզ հարցնել, ի՞նչ իրավունք ունեիք,— նորից ճղճղաց Իպոլիտը, բայց արդեն չափազանց տաքանալով,— Բուրդովսկու գործը ներկայացնել ձեր բարեկամների դատին։ Մենք, գուցե, չենք էլ ցանկանում ձեր բարեկամների դատը. շատ լավ հասկանալի է, թե ինչ կարող է նշանակել ձեր բարեկամների դատը․․․

— Բայց, վերջապես, պարոն Բուրդովսկի, եթե չեք ուզում այստեղ խոսել,— ի վերջո հաջողեցրեց հարել իշխանը, որը սաստիկ զարմացած էր այսպիսի սկզբնավորությունից,— ապա, ձեզ ասում եմ, հենց հիմա գնանք մյուս սենյակը, իսկ ձեր բոլորի մասին, կրկնում եմ, հենց միայն այս րոպեիս իմացա...

— Բայց իրավունք չունե՜ք, իրավունք չունե՜ք, իրավունք չունե՜ք... ձեր բարեկամներին... ահա՛...— հանկարծ նորից սկսեց թոթովել Բուրդովսկին, տարօրինակ վախվորած նայելով շուրջը և առավել ևս տաքանալով, որքան ավելի չէր վստահում ու խրտնում էր,― դուք իրավունք չունեք,— և, այդ ասելով, կտրուկ կանգ առավ, ասես դանակով կտրեց, և անխոս լռելով կարճատես, խիստ ուռուցիկ, կարմիր հաստ երակներով աչքերը, ամբողջ իրանը առաջ թեքած, հարցական հայացքը հառեց իշխանի վրա։ Այս անգամ իշխանն այն աստիճան զարմացավ, որ ինքն էլ լռեց և նույնպես նայում էր նրան աչքերը չռած և առանց մի խոսք արտասանելու։

— Լև Նիկոլաևիչ,— կանչեց հանկարծ Լիզավետա Պրոկոֆևնան,— ահա կարդա սա հիմա, հենց այս րոպեիս, սա ուղղակի քո գործին է վերաբերվում։

Նա հապճեպ իշխանին պարզեց մի երգիծական շաբաթաթերթ և մատով ցույց տվեց հոդվածը։ Երբ դեռ հյուրերը ներս էին գալիս, Լեբեդևը կողքից մոտ թռավ Լիզավետա Պրոկոֆևնային, որի ողորմածությանը ծառայում էր, և, առանց մի խոսք ասելու, կողքի գրպանից հանելով այդ թերթը՝ ուղղակի նրա աչքի առաջ խոթեց, տալով ընդգծված սյունակը։ Այն, ինչ արդեն հասցրել էր կարդալ Լիզավետա Պրոկոֆևնան, խիստ զարմացրել ու հուզել էր նրան։

— Բայց արդյոք ավելի լավ չի՞ լինի բարձրաձայն չկարդամ,— թոթովեց իշխանը շատ շփոթված— ես մենակ կկարդայի․․․ հետո․․․

— Ավելի լավ է դու կարդաս, կարդա հիմա, բարձրաձայն։ Բարձրաձայն,― դարձավ Լիզավետա Պրոկոֆևնան Կոլյային, անհամբերությամբ կորզելով իշխանի ձեռքից թերթը, որին նա հազիվ էր ձեռքը կպցրել,— բոլորի համար բարձրաձայն, որպեսզի բոլորին լսելի լինի։

Լիզավետա Պրոկոֆևնան տաքարյուն և հրապուրվող տիկին էր, այնպես որ հանկարծ ու միանգամից, առանց երկար մտածելու, երբեմն բարձրացնում էր բոլոր խարիսխները և մտնում էր բաց ծով, ուշք չդարձնելով եղանակին։ Իվան Ֆյոդորովիչն անհանգիստ շարժվեց։ Բայց մինչ բոլորը առաջին րոպեին ակամա կանգ առան և տարակուսած սպասում էին, Կոլյան բացեց թերթը և սկսեց բարձրաձայն կարդալ այնտեղից, որտեղից ցույց տվեց նրան մոտ թռած Լեբեդևը։

«Պրոլետարներն ու շառավիղները, միջադեպ ցերեկային և ամենօրյա կողոպուտների՜ց։ Առաջադիմությո՜ւն։ Բարեփոխությո՜ւն։ Արդարությո՜ւն»։

Տարօրինակ բաներ են պատահում մեր այսպես ասած սրբազան Ռուսիայում, բարեփոխությունների և ընկերովի նախաձեռնության մեր դարում, ազգայնության և ամեն տարի արտասահման արտահանվող հարյուր միլիոնների դարում, արդյունաբերության խրախուսման և բանվորական ձեռքերի կաթվածահարման դարում և այլն, և այլն, ամեն ինչ թվել չի լինի, պարոնայք, ուստի ուղղակի գործի անցնենք։ Տարօրինակ անեկդոտ պատահեց մեր անհետացած կալվածատիրական ազնվականների (de profundis!) շառավիղներից մեկին, ասենք, այն շառավիղներից, որոնց դեռ պապերը վերջնականապես տանուլ էին տվել բախտախաղում, հայրերը հարկադրված էին ծառայել, որպես յունկերներ ու պորուչիկներ և սովորաբար մեռնում էին դատի տակ պետական գումարի մի որևէ անմեղ հաշվեսխալի համար, իսկ սրանց զավակները, մեր պատմության հերոսի պես, կամ մեծանում են որպես ապուշներ, կամ նույնիսկ բռնվում են քրեական գործերում, որի համար, սակայն, խրատի և ուղղելու նկատառումով, երդվյալներն արդարացնում են. և կամ, վերջապես, վերջացնում են նրանով, որ բերանից թռցնում են մեկն այն անեկդոտներից, որոնք զարմացնում են հասարակությանը և խայտառակում առանց այն էլ արդեն բավականաչափ ամոթալի մեր Ժամանակը։ Մեր շառավիղը մոտ կես տարի աոաջ արտասահմանյան ձևով ոտներին շտիբլետներ հագած և ոչնչով չաստառած խղճուկ վերարկուի մեջ դողդողալով ձմեռը Ռուսաստան վերադարձավ Շվեյցարիայից, որտեղ բուժվում էր ապուշությունից (sic!): Պետք է խոստովանել, որ ուղղակի նրա բախտը բանում էր, այնպես որ նա, չխոսելով արդեն նրա հետաքրքիր հիվանդության մասին, որից բուժվում էր Շվեյցարիայում (դե մի թե կարելի է ապուշությունից բուժվել, պատկերացրե՜ք), իրենով կարող էր ապացուցել ռուսական առածի ճշմարտությունը՝ «Որոշ կարգի մարդկանց բախտը բանում է»։ Ինքներդ դատեցեք, դեռ ծծկեր հասակում մնալով հոր մահից հետո, որն ասում են պորուչիկ էր և մեռել էր դատի տակ, թղթախաղում վաշտի ամբողջ գումարի հանկարծակի անհայտացման համար, կամ գուցե նաև ստորադրյալին չափից ավելի ճիպոտահար անելու համար (հիշո՜ւմ եք հին ժամանակը, պարոնայք), մեր բարոնին ողորմածաբար դաստիարակության է վերցնում մի շատ հարուստ ռուս կալվածատեր։ Այդ ռուս կալվածատերը,— նրան կոչենք թեկուզ Պ.,— առաջվա ոսկի ժամանակներում չորս հազար ճորտ հոգիների տեր (ճորտ հոգինե՜ր, արդյոք դուք հասկանո՞ւմ եք այսպիսի արտահայտությունը, պարոնայք։ Ես չեմ հասկանում։ Պետք է ստուգել բացատրական բառարանով «թարմ է ավանդությունը, բայց դժվարությամբ ես հավատում»), ըստ երևույթին մեկն էր այն ռուս անբաններից ու ձրիակերներից, որոնք իրենց պարապ կյանքն անց էին կացնում արտասահմանում, ամառը հանքային ջրերում, իսկ ձմեռը՝ փարիզյան Շատո֊դե֊Ֆլյորում, որտեղ և իրենց կյանքի ընթացքում թողել են անհաշիվ գումարներ։ Կարելի էր հաստատ ասել, որ առաջվա կալվածատիրական ամբողջ ունեցվածքի բահրայի առնվաղն մեկ երրորդը ստանում էր փարիզյան Շատո-դե֊Ֆլյորի տերը (ա՜յ թե երջանիկ մարդ էր)։ Ինչ էլ լիներ, բայց անհոգ Պ․-ն որբուկ-աղայիկին դաստիարակեց իշխանավայել, նրա համար վարձում էր տնային դաստիարակներ ու դաստիարակչուհիներ (անկասկած, լավիկներին), որոնց, ի դեպ, ինքն էր բերում Փարիզից։ Բայց տոհմի վերջին ազնվական շառավիղը ապուշ էր։ Շատո֊դե֊Ֆլյորյան դաստիարակչուհիները չօգնեցին, և մինչև քսան տարեկան հասակը մեր սանը նույնիսկ խոսել չսովորեց ոչ մի լեզվով, չբացառած նաև ռուսերենը։ Վերջինս, սակայն, ներելի է։ Վերջապես Պ.-ի ռուսական ճորտատիրական գլուխը մի ֆանտազիա է մտնում, թե ապուշին կարելի է խելք սովորեցնել Շվեյցարիայում,— տրամաբանական ֆանտազիա. ձրիակերն ու պրոպրիետերը բնականաբար կարող էր երևակայել, որ փողով նույնիսկ խելք կարելի է գնել շուկայից, մանավանդ Շվեյցարիայում։ Անցավ բուժման հինգ տարին Շվեյցարիայում ինչ-որ հայտնի պրոֆեսորի մոտ, և հազարներով փող ծախսվեց, ապուշը, հասկանալի է, խելոք չդարձավ, բայց, ասում են, մարդու տեսք ստացավ, անկասկած, կիսատ-պռատ։ Հանկարծ Պ.֊ն անակնկալ մեռնում է։ Հասկանալի է, ոչ մի կտակ, սովորականի պես գործերն անկարգ վիճակում են, ագահ ժառանգներն անթիվ, որոնք արդեն բոլորովին չեն հետաքրքրվում տոհմի վերջին շառավիղներով, որոնց ողորմածաբար բուժում են Շվեյցարիայում տոհմական ապուշությունից։ Շառավիղը, թեպետև ապուշ, համենայն դեպս փորձել է խաբել իր պրոֆեսորին և երկու տարի, ասում են, կարողացել է նրա մոտ ձրի բուժվել, նրանից թաքցնելով իր բարերարի մահը։ Բայց պրոֆեսորն ինքը կարգին շառլատան էր, վերջապես վախենալով փողազրկությունից, իսկ ամենից ավելի իր քսանհինգամյա ձրիակերի ախորժակից, նա նրան հագցնում է իր հին շտիբլետները, նվիրում է իր քրքրված խղճուկ վերարկուն և ողորմածությունից մղված, երրորդ կարգի գնացքով նրան Շվեյցարիայից հանապարհ դնում nach Russland, բեռն ուսերից գլորելով։ Թվում է, բախտը քամակն է շուռ տալիս մեր հերոսին։ Բայց այդպես չէր. ֆորտունան, որ սովից մեռցնում է ամբողջ նահանգներ, բոլոր շնորհները միանգամից թափում է արիստոկրատիկի գլխին, ինչպես կռիլովյան Ամպը, որը անցնում է տոչորված դաշտի վրայով և թափվում օվկիանոսը։ Գրեթե այն նույն ակնթարթին, որ նա Շվեյցարիայից հայտնվում է Պետերբուրդում, Մոսկվայում մեռնում է նրա մոր ազգականներից մեկը (մայրը, հասկանալի է, վաճառականուհիներից էր), ծեր, անզավակ չորագլուխ, վաճառական, մորուքավոր ու աղանդավոր, և մի քանի միլիոն անվիճելի, կլոր, մաքուր, առձեռն ժառանգություն է թողնում և (ա՜յ թե ինձ ու ձեզ թողած լիներ, ընթերըող) այդ բոլորը մեր շառավիղին, այդ բոլորը Շվեյցարիայում ապուշությունից բուժվող մեր բարոնին։ Դե, այստեղ արդեն ուրիշ երաժշտություն է սկսվում։ Մեր շտիբլետավոր բարոնի շուրջը, որը սկսել էր մի հայտնի գեղեցկուհի պահանույշի հետևից ընկնել, հանկարծ հավաքվեց ընկերների ու բարեկամների մի ամբողջ ամբոխ, գտնվեցին նույնիսկ ազգականներ, իսկ ամենից ավելի ազնվազարմ օրիորդների ամբողջ ամբոխներ, որոնք փափագում ու տենչում էին օրինավոր ամուսնության, և ի՜նչը կարող էր ավելի լավ լինել․ արիստոկրատ է, միլիոնատեր, ապուշ, բոլոր հատկությունները միանգամից, այդպիսի ամուսին ճրագով էլ փնտրես, չես գտնի, պատվերով էլ չես սարքի․․․»։

— Այդ․․․ այդ արդեն չեմ հասկանում,— գոչեց Իվան Ֆյոդորովիչը, վերին աստիճանի զայրույթով։

― Վե՛րջ տվեք, Կոլյա,— գոչեց իշխանը աղերսող ձայնով։ Ամեն կողմից բացականչություններ լսվեցին։

— Կարդա՛լ։ Կարդա՛լ ինչ գնով ուզում է լինի,— կտրուկ ասաց Լիզավետա Պրոկոֆևնան, ըստ երևույթին արտակարգ ճիգով զսպելով ինքն իրեն։— Իշխան, եթե ընթերցումը դադարեցնեն, մենք կգժտվենք։

Ճար չկար, Կոլյան բորբոքված, կարմրած, հուզումնալի, հուզված ձայնով շարունակեց ընթերցումը։

«Բայց մինչ մեր վաղահաս միլիոնատերը գտնվում էր, այսպես ասած, յոթերորդ երկնքում, տեղի ունեցավ մի բոլորովին կողմնակի հանգամանք։ Մի գեղեցիկ առավոտ նրան է ներկայանում մի այցելու, հանդարտ ու խիստ դեմքով, քաղաքավարությամբ, բայց արժանավոր ու արդարացի լեզվով, հագնված համեստ ու ազնվաշուք, մտքի նկատելի առաջադիմական երանգով, և երկու խոսքով բացատրում է իր այցելության պատճառը․ նա հայտնի փաստաբան է. նրան մի երիտասարդ մի գործ է հանձնարարել, նա ներկայանում է երիտասարդի անունից։ Այդ երիտասարդը ոչ այլ ոք է, քան հանգուցյալ Պ.-ի որդին, թեև ուրիշ անուն է կրում։ Հեշտասեր Պ․-ն երիտասարդ ժամանակ գայթակղեցնելով սպասավորների թվին պատկանող, բայց եվրոպական ձևով դաստիարակված մի ազնիվ, խեղճ աղջկա (ըստ որում, հասկանալի է, այստեղ խառն են եղել անցած ճորտատիրական վիճակի բարոնական իրավունքները), և նկատելով իր կապի անխուսափելի, բայց մերձավոր հետևանքը, նրան շուտով մարդու է տալիս արհեստադործությամբ զբաղվող, նույնիսկ ծառայող, ազնիվ բնավորությամբ մեկին, որը վաղուց արդեն սիրում էր այդ աղջկան։ Սկզբում Պ.֊ն օգնում էր նորապսակներին, բայց շուտով այդ աղջկա ամուսնու ազնիվ բնավորությամբ Պ․-ին մերժվեց նրանից օգնություն ընդունելը։ Անցավ որոշ ժամանակ, և Պ.֊ն քիչ֊քիչ մոռացավ թե աղջկա, թե նրանից ունեցած իր որդու մասին, իսկ հետո էլ մեռավ, ինչպես հայտնի է, առանց կարգադրությունների։ Այդ միջոցին նրա որդին, ծնված արդեն օրինական ամուսնությունից, որը, սակայն, մեծանում էր ուրիշ ազգանուն կրելով և լիովին որդեգրված էր իր մոր ամուսնու ազնիվ բնավորությամբ, որը, այնուամենայնիվ, իր ժամանակ մեռել էր, այդ որդին մնացել էր բացարձակապես միայն ու միայն իր միջոցներով և հեռավոր նահանգներից մեկում հիվանդոտ, տառապող, ոտներից զրկված մոր հոգսով, իսկ ինքը մայրաքաղաքում փող էր վաստակում ամենօրյա ազնիվ աշխատանքով՝ վաճառականների տներում ավանդած դասերով և դրանով պահում էր իրեն նախ գիմնազիայում, հետո իրեն օգտակար դասախոսությունների ունկնդիր եղած ժամանակ, նկատի ունենալով մի հետագա նպատակ։ Բայց շա՞տ փող կստանաս ռուս վաճառականից տասը կոպեկանոց դասերով, այն էլ հիվանդոտ, ոտներից զրկված մայրը հետդ, որը, վերջապես, հեռավոր նահանգում իր մահով էլ համարյա բոլորովին չթեթևացրեց որդուն։ Հիմա մի հարց, ըստ արդարության ինչպե՞ս պիտի դատեր մեր շառավիղը։ Դուք, իհարկե, կարծում եք, ընթերցող, որ նա իրեն այսպես ասաց. «Ես ամբողջ կյանքումս օգտվել եմ Պ.-ի շնորհներից, իմ դաստիարակության, իմ դաստիարակչուհիների և ապուշությունից բուժվելու վրա տասնյակ հազարներ են գնացել Շվեյցարիա. և ահա հիմա ես միլիոններ ունեմ, իսկ Պ.-ի որդու ազնիվ բնավորությունը, որը ոչնչով մեղավոր չէ իր թեթևամիտ ու նրան մոռացած հոր զանցանքներում, կործանվում է դասեր տալով։ Այն ամենը, ինչ ծախսվել է ինձ վրա, ըստ արդարության պետք է նրա վրա ծախսվեր։ Ինձ վրա ծախսված այս հսկայական գումարներն ըստ էության իմը չեն։ Դա միայն բախտի կույր սխալմունք էր․ դրանք հասնում էին Պ.-ի որդուն։ Նրա վրա պետք է գործադրվեին և ոչ թե իմ՝ թեթևամիտ ու մոռացկոտ Պ․֊ի ֆանտաստիկ քմահաճույքի արգասիքի վրա։ Եթե ես լիովին ազնիվ, քաղաքավարի, արդարացի լինեի, ապա պետք է որ նրա որդուն տայի իմ ամբողջ ժառանգության կեսը, բայց քանի որ ես ամենից առաջ հաշվենկատ մարդ եմ և շատ լավ եմ հասկանում, որ դա իրավաբանական գործ չէ, ապա իմ միլիոնների կեսը չեմ տա։ Բայց առնվազն արդեն շատ ստոր ու անամոթ (շառավիղը մոռացել է, որ նաև անշրջահայաց) բան կլինի իմ կողմից, եթե ես հիմա չվերադարձնեմ նրա որդուն այն տասնյակ հազարները, որոնք Պ.֊ն ծախսել է իմ ապշության վրա։ Այս է միայն խիղճն ու արդարությունը։ Որովհետև ի՞նչ կլիներ իմ վիճակը, եթե Պ․-ն ինձ չվերցներ դաստիարակության, իսկ իմ փոխարեն հոգ տաներ իր որդու մասին»։

Բայց ոչ, պարոնայք, մեր շառավիղները այդպես չեն դատում։ Ինչպես էլ նրան ներկայացնում էր երիտասարդի փաստաբանը, որը հանձն էր առել հոգ տանել նրա շահերի մասին, լոկ բարեկամական զգացմունքից և գրեթե հակառակ նրա կամքի, գրեթե բռնի, ինչպես էլ շառավիղի առաջ դնում էր պատվի, ազնվության, արդարության և նույնիսկ հասարակ հաշվենկատության պարտականությունները, շվեյցարացի սանը անհողդողդ մնաց, և ի՞նչ։ Այդ բոլորը դեռ ոչինչ, բայց ահա թե իրոք արդեն ինչն է աններելի և ոչ մի հետաքրքիր հիվանդությամբ ներել չի կարելի․ իր պրոֆեսորի շտիբլետները ոտներից հազիվ հանած այդ միլիոնատերը, չկարողացավ նույնիսկ այն էլ հասկանալ, որ ոչ թե ողորմություն, ոչ էլ օգնություն է խնդրում նրանից իրեն դասերով սպանող երիտասարդի ազնիվ բնավորությունը, այլ իր իրավունքն ու իրեն հասանելիքը, թեկուզև ոչ իրավաբանական, և նույնիսկ չի խնդրում, այլ նրա փոխարեն միայն ընկերներն են միջնորդում։ Վսեմաշուք տեսքով և իր միլիոններով մարդկանց անպատիժ ճզմելու հնարավորությունից արբեցած, մեր շառավիղը հանում է մի հիսունռուբլիանոց թղթադրամ և իբրև անբարտավան ողորմածություն ուղարկում է ազնիվ երիտասարդին։ Դուք չե՞ք հավատում, պարոնայք։ Դուք զայրացած եք, դուր վիրավորված եք, դուք վրդովմունքի ճիչ եք արձակում. և սակայն նա արել է այդ։ Հասկանալի է, դրամն անմիջապես վերադարձվել է նրան, այսպես ասած, ետ է շպրտվել նրա երեսին։ Ինչո՞վ է մնում լուծել այդ գործը։ Գործը իրավաբանական չէ, մնում է լոկ միայն հրապարակայնությունը։ Մենք հանրությանն ենք հանձնում այս անեկդոտը, երաշխավորելով նրա հավաստիությանը։ Ասում են, մեր մի ամենահռչակավոր երգիծաբան այդ առթիվ մի հիասքանչ էպիգրամ է թռցրել բերանից, որն արժանի է տեղ գրավելու մեր բարքերի ոչ միայն նահանգական, այլև մայրաքաղաքային ակնարկներում.

Լյովան Շնեյդերի շինելով
Հինգ տարի խաղ էր անում,
Պարապ֊սարապ թափառելով
Ժամանակ էր սպանում։
Եկել է նեղ կոշիկներով,
Մեկ միլիոն է ժառանգել,
Ռուսերեն է աղոթում... բայց
Ուսանող է պլոկել»։

Երբ Կոլյան վերջացրեց, թերթը հապճեպ տվեց իշխանին և, առանց մի խոսք ասելու, նետվեց մի անկյուն, կիպ խցկվեց այնտեղ և դեմքը ծածկեց ձեռներով։ Նա անասելի ամաչում էր, և նրա մանկական, կեղտին դեռ չվարժված դյուրազգացությունը վրդովված էր նույնիսկ չափից ավելի։ Նրան թվում էր, թե կատարվել է մի արտասովոր, ամեն ինչ միանգամից կործանող բան, և որ ով գիտի հենց ինքն է դրա պատճառը, հենց թեկուզ միայն նրանով, որ բարձրաձայն կարդաց դա։

Բայը, թվում է, բոլորն էլ դրա նման մի բան էին զգում։

Օրիորդները շատ անհարմար էին զգում և ամաչում էին։ Լիզավետա Պրոկոֆևնան իր մեջ զսպում էր արտակարգ զայրույթը և գուցե նույնպես դառնորեն զղջում էր, որ խառնվեց այդ գործին. հիմա նա լռել էր։ Իշխանի հետ տեղի էր ունենում այն, ինչ հաճախ նման դեպքերում լինում է չափազանց ամոթխած մարդկանց, նա այն աստիճան ամաչեց ուրիշի արարքից, այնպիսի ամոթ զգաց իր հյուրերի փոխարեն, որ առաջին ակնթարթին նույնիսկ վախենում էր նրանց նայել։ Պտիցինը, Վարյան, Գանյան, նույնիսկ Լեբեդևը, բոլորը կարծես թե մի քիչ շփոթված տեսք ունեին։ Ամենատարօրինակն այն էր, որ Իպոլիտն ու «Պավլիշչևի որդին» էլ կարծես թե մի բանից զարմացած էին. Լեբեդևի քրոջորդին, ըստ երևույթին, նույնպես դժգոհ հր։ Միայն բռնցքամարտիկն էր նստած բոլորովին հանգիստ, բեղերը ոլորելով, ծանրակշիռ տեսքով և աչքերը փոքր֊ինչ խոնարհած, բայց ոչ թե ամաչելուց, այլ ընդհակառակը, կարծես թե ազնիվ համեստությունից և չափազանց ակնհայտ ցնծությունից։ Ամեն ինչից երևում էր, որ հոդվածը նրան շատ է դուր գալիս։

— Սատանան գիտի, թե սա ինչ բան է,― կիսաձայն փնթփնթաց Իվան Ֆյոդորովիչը,— կարծես հիսուն լակեյ են միասին հավաքվել շարադրելու և շարադրել են։

— Բայց թու֊ո՜ւյլ տվեք հարցնել, ողորմած, տեր, թե ինչպե՞ս կարող եք վիրավորել նման ենթադրություններով,— հայտարարեց ու հուզմունքից սարսռաց Իպոլիտը։

— Դա, դա, դա ազնիվ մարդու համար․․․ ինքներդ համաձայնեցեք, գեներալ, եթե ազնիվ մարդ է, դա արդեն վիրավորական է,— փնթփնթաց բռնցքամարտիկը, նույնպես հանկարծ չգիտես ինչից հուզվելով, բեղերը ոլորելով և ուսերն ու իրանը թափահարելով։

— Նախ՝ ես ձեզ համար «ողորմած տեր» չեմ, իսկ երկրորդ՝ ես մտադիր չեմ ձեզ ոչ մի բացատրություն տալու,— կոպիտ պատասխանեց սարսափելի տաքացած Իվան Ֆյոդորովիչը, տեղից վեր կացավ և, առանց մի խոսք ասելու, հեռացավ դեպի պատշգամբի ելքը և կանգնեց սանդուղքի վերին աստիճանին, մեջքը դեպի հասարակությունը, խստագույն զայրույթով լցված դեպի Լիզավետա Պրոկոֆևնան, որը նույնիսկ հիմա էլ չէր մտածում տեղից շարժվել։

— Պարոնայք, պարոնայք, վերջապես թույլ տվեք, պարոնայք, խոսել,— անձկությամբ ու հուզված բացականչում էր իշխանը,— և բարի եղեք, այնպես խոսենք, որ միմյանց հասկանանք։ Ես ոչինչ չունեմ, պարոնայք, հոդվածի առթիվ, թող այդպես լինի՝ միայն թե չէ՞ որ դա, պարոնայք, ամբողջը ճիշտ չէ, ինչ որ տպված է հոդվածում, ես նրա համար եմ ասում, որ դուք ինքներդ էլ գիտեք դա. նույնիսկ ամոթ է։ Այնպես որ ես ուղղակի զարմանում եմ, եթե դա ձեզնից մեկնումեկն է գրել։

— Մինչև այս րոպեն ես ոչինչ չգիտեի այդ հոդվածի մասին,— հայտարարեց Իպոլիտը,— ես հավանություն չեմ տալիս այդ հոդվածին։

— Ես թեև գիտեի, որ դա գրված է, բայց... ես էլ խորհուրդ չէի տա տպագրել, որովհետև վաղաժամ է,— ավելացրեց Լեբեդևի քրոջորդին։

— Ես գիտեի, բայց ես իրավունք ունեմ... ես...— մրթմրթաց «Պավլիշչևի որդին»։

— Ինչպե՜ս։ Դուք ինքնե՞րդ եք հորինել այդ բոլորը,— հարցրեց իշխանը, հետաքրքրությամբ նայելով Բուրդովսկուն,— չի՜ կարող պատահել։

— Սակայն կարելի է և չընդունել այդպիսի հարցեր տալու ձեր իրավունքը,― մեջ ընկավ Լեբեդևի քրոջորդին։

— Չէ՞ որ ես միայն զարմանքս հայտնեցի, որ պարոն Բուրդովսկուն հաջողվել է... բայց․․․ ես ուզում եմ ասել, եթե դուք արդեն հրապարակել եք այդ գործը, ապա ինչո՞ւ այնպես վիրավորվեցիք քիչ առաջ, երբ ես բարեկամներիս ներկայությամբ նույն գործի մասին սկսեցի խոսել։

— Վերջապե՜ս, — զայրագին փնթփնթաց Լիզավետա Պրոկոֆևնան։

— Եվ նույնիսկ, իշխան, դուք բարեհաճեցիք մոռանալ,— աթոռների միջով հանկարծ սողոսկեց անհամբեր Լեբեդևը, համարյա տենդով բռնված,— բարեհաճեցիք մոռանալ, որ միայն ձեր բարի կամքը և ձեր սրտի անօրինակ բարությունն էր՝ նրանց ընդունել և ունկնդրել, և որ նրանք ոչ մի իրավունք չունեն այդպես պահանջելու, առավել ևս, որ դուք այդ գործը արդեն հանձնարարել եք Գավրիլա Արդալիոնովիչին և այդ էլ ձեր անչափ բարությունից եք այդպես վարվել, իսկ որ հիմա, ամենապայծառափայլ իշխան, մնալով ձեր ընտրյալ բարեկամների մեջ, դուք չեք կարող այդպիսի ընկերակցությունը զոհաբերել այս պարոնների համար, և կարող էիք այս բոլոր պարոններին, այսպես ասած, այս իսկ րոպեիս ճամփու դնել սանդուղքից, այնպես որ ես, իբրև տանտեր, նույնիսկ մեծ բավականությամբ...

― Միանդամայն իրավացի է,— հանկարծ սենյակի խորքից որոտաց գեներալ Իվոլգինը։

— Բավական է, Լեբեդև, բավական է, բավական․․․― սկսեց իշխանը, բայց զայրույթի մի ամբողջ պայթյուն խլացրեց նրա խոսքերը։

— Ոչ, ներեցեք, իշխան, ներեցեք, հիմա արդեն այդքանը բավական չէ՜,— համարյա բոլորի ձայնը խլացրեց Լեբեդևի քրոջորդին,— հիմա պետք է գործը պարզ ու հաստատուն դնել, որովհետև, ըստ երևույթին, դա չեն հասկանում։ Այստեղ իրավաբանական պատրվակագործները խառնվեցին և այդ պատրվակների հիման վրա մեզ սպառնում են դուրս հրել սանդուղքից։ Բայց մի՞թե, իշխան, դուք մեզ արդեն այն աստիճան հիմարների տեղ եք դնում, որ մենք ինքներս էլ չենք հասկանում, թե մեր գործը որ աստիճան ոչ իրավաբանական է, և որ եթե իրավաբանորեն քննարկելու լինենք, մենք օրենքով ձեզանից մի ռուբլի անգամ իրավունք չունենք պահանջելու։ Բայց մենք հենց հասկանում ենք, որ եթե այստեղ չկա իրավաբանական իրավունք, բայց դրա փոխարեն կա մարդկային, բնական իրավունք. առողջ բանականության իրավունք և խղճի ձայն, և թող որ մեր այդ իրավունքը գրանցված չլինի մարդկային ոչ մի նեխված կոդեքսի մեջ, բայց վսեմ ու ազնիվ մարդը, այսինքն՝ նույնն է թե ողջախոհ մարդը, պարտավոր է վսեմ ու ազնիվ մարդ մնալ նույնիսկ և այն կետերում, որոնք գրանցված չեն կոդեքսներում։ Դրա համար էլ մենք մտանք այստեղ, առանց վախենալու, որ մեզ սանդուղքից ցած կնետեն (ինչպես դուք հիմա սպառնացիք) միմիայն նրա համար, որ մենք ոչ թե խնդում, այլ պահանջում ենք, և նրա համար, որ այսքան ուշ ժամին այցելության գալը անվայելուչ է (թեև մենք եկել էինք ոչ ուշ ժամի, և հենց դուք մեզ հարկադրեցիք սպասել ծառայանոցում), հենց դրա համար էլ, ասում եմ, եկանք, առանց որևէ բանից վախենալու, որ հանձին ձեր ենթադրում էինք գտնել հենց ողջախոհ մարդու, այսինքն՝ պատվով ու խղճով մարդու։ Այո, այդ ճիշտ է, մենք մտանք ոչ թե խոնարհ, ոչ որպես ձեր պնակալեզներ ու շողոքորթներ, այլ գլուխներս բարձրացրած, ինչպես ազատ մարդիկ, և բնավ ոչ խնդրանքով, այլ ազատ ու հպարտ պահանջով (լսո՞ւմ եք, ոչ թե խնդրանքով, այլ պահանջով, դա ձեր ականջին օղ արեք)։ Մենք արժանապատվությամբ և ուղղակի ձեր առաջ հարց ենք դնում. արդյոք Բուրդովսկու գործում դուք ձեզ իրավացի՞, թե անիրավացի եք համարում։ Ընդունո՞ւմ եք, որ դուք Պավլիշչևի կողմից բարերարված, գուցե և փրկված եք մահից։ Եթե ընդունում եք (որը ակներև է), ապա մաադի՞ր եք արդյոք, կամ խղճի մտոք արդյոք արդարացի չե՞ք համարում, ձեր հերթին, միլիոններ ստանալով, հատուցել Պավլիշչևի կարիքավոր որդուն, թեկուզև նա Բուրդովսկու ազգանունը կրելիս լիներ։ Այո՞, թե ոչ։ Եթե այո, այսինքն, այլ խոսքերով, եթե ձեր մեջ կա այն, որը ձեր լեզվով դուք անվանում եք ազնվություն և խիղճ և որը մենք ավելի ճշգրիտ նշում ենք ողջախոհություն անվամբ, ապա բավարարեցեք մեզ, և գործը կվերջանա։ Բավարարեցեք առանց խնդրանքների և առանց շնորհակալությունների մեր կողմից, այդ բաները մի սպասեք մեզանից, որովհետև դա անում եք ոչ թե մեզ, այլ արդարության համար։ Իսկ եթե չեք ուզենա մեզ բավարարել, այսինքն՝ կպատասխանեք՝ ոչ, ապա մենք հիմա գնում ենք և գործը կարճվում է. իսկ ձեր երեսին ասում ենք, ձեր բոլոր վկաների ներկայությամբ, որ դուք կոպիտ խելքի և ստոր զարգացման տեր մարդ եք, որ այսուհետև պատվով ու խղճով մարդ կոչվել դուք չեք համարձակվի և իրավունք չունեք, որ այդ իրավունքը դուք չափազանց էժան եք ուզում գնել։ Ես վերջացրի։ Ես հարցը դրեցի։ Հիմա վռնդեցեք մեզ սանդուղքից, եթե համարձակվում եք։ Դուք կարող եք այդ անել, դուք ուժ ունեք։ Բայց հիշեցեք, որ մենք, համենայն պեպս, պահանջում ենք, ոչ թե խնդրում։ Պահանջո՛ւմ ենք, ոչ թե խնդրում...

Լեբեդևի քրոջորդին սաստիկ տաքացած, կանգ առավ։

— Պահանջում ենք, պահանջում ենք, պահանջս՛ւմ, և ոչ թե խնդրում...— սկսեց թոթովել Բուրդովսկին և խեցգետնի պես կարմրեց։

Լեբեդևի քրոջորդու խոսքերին հետևեց որոշ ընդհանուր շարժում և նույնիսկ քրթմնջյուն բարձրացավ, թեև ամբողջ հասարակության մեջ բոլորը նկատելիորեն խուսափում էին գործին խառնվելուց, բացի Լեբեդևից, որը կարծես տենդի մեջ էր։ (Տարօրինակ բան. Լեբեդևը, որ ակնհայտորեն իշխանի կողմն էր կանգնած, հիմա կարծես թե իր քրոջորդու ճառից հետո ընտանեկան հպարտության որոշ բավականություն էր զգում, համենայն դեպս գոհունակության մի առանձնահատուկ տեսքով նայեց բոլոր հավաքվածներին)։

— Իմ կարծիքով,— սկսեց իշխանը բավական կամաց,― իմ կարծիքով, դուք, պարոն Դոկտորենկո, այն ամենի մեջ, ինչ որ հիմա ասացիք, ինչ-որ չավավ լիովին իրավացի եք, նույնիսկ համաձայն եմ, որ շատ ավելի մեծ չափով, և ես ձեզ հետ լիովին համաձայն կլինեի, եթե ձեր խոսքերում ինչ֊որ բան բաց թողած չլինեիք։ Թե այստեղ հատկապես ինչը բաց թողիք՝ ես ուժ չունեմ և ի վիճակի չեմ ճշգրիտ արտահայտել ձեզ, բայց ձեր խոսքերի լիակատար արդարության համար, իհարկե, մի բան պակասում է։ Բայց ավելի լավ է դառնանք գործին, պարոնայք, ասացեք, ինչո՞ւ տպագրեցիք այդ հոդվածը։ Չէ՞ որ այդտեղ ամեն մի բառը զրպարտություն է, այնպես որ, դուք, պարոնայք, իմ կարծիքով ստորություն եք արել։

— Ներեցե՜ք...

— Ողորմած տե՛ր...

— Դա... դա... դա․․․― միանգամից լսվեց հուզված հյուրերի կողմից։

― Հոդվածի մասին,— ճղճղան ձայնով վրա բերեց Իպոլիտը,— այդ հոդվածի մասին ես արդեն ձեզ ասացի, որ ես և մյուսները հավանություն չենք տալիս դրան։ Դա գրել է ահա սա,— նա ցույց տվեց իր կողքին նստած բռնցքամարտիկին,— գրել է անվայելուչ, համաձայն եմ, գրել է անգրագետ և այնպիսի ոճով, որով գրում են նույնպիսի, ինչպես նա է, պաշտոնաթողները։ Նա հիմար է և, բացի այդ, արհեստագործ, համաձայն եմ, ես դա ամեն օր նրա երեսին եմ ասում, բայց և այնպես կիսով չափ նա իրավացի էր. հրապարակայնությունը յուրաքանչյուրի, նշանակում է նաև Բուրդովսկու, օրինական իրավունքն է։ Իսկ իր անհեթեթությունների համար թող ինքը պատասխանի։ Ինչ վերաբերում է այն բանին, որ ես քիչ առաջ բոլորի անունից բողոքեցի ձեր բարեկամների ներկայության առթիվ, ապա հարկ եմ համարում, ողորմած տյարք, բացատրելու ձեզ, որ բողոքում էի լոկ նրա համար, որ հայտարարեի մեր իրավունքը, բայց որ ըստ էության մենք նույնիսկ ուզում ենք, որ վկաներ լինեն, և քիչ առաջ, դեռ այստեղ չմտած, բոլոր չորսս էլ դրանում համաձայնության եկանք։ Ովքեր էլ լինեն ձեր վկաները, թեկուզև ձեր բարեկամները, բայց քանի որ նրանք չեն կարող չհամաձայնել Բուրդովսկու իրավունքին (որովհետև, ըստ երևույթին, դա մաթեմատիկական է), ապա ավելի լավ է, որ դրանք ձեր բարեկամներն են. ճշմարտությունն ավելի ակնհայտ կներկայանա։

— Այդ ճիշտ է, մենք այդպես համաձայնության եկանք,— հաստատեց Լեբեդևի քրոջորդին։

— Ուրեմն ի՞նչ պատճառով քիչ առաջ հենց առաջին խոսքերից այդպիսի աղմուկ-աղաղակ բարձրացավ, եթե դուք այդպես էիք ուզում,— զարմացավ իշխանը։

— Իսկ ինչ վերաբերում է հոդվածին, իշխան,— մեջ մտավ բռնցքամարտիկը, որ սաստիկ ուզում էր իր խոսքն ասած լինել և հաճելիորեն աշխուժացել էր (կարելի էր կասկածել, որ նրա վրա նկատելիորեն և ուժեղ ազդում էր կանանց ներկայությունը),— ինչ վերաբերում է հոդվածին, ապա խոստովանում եմ, որ հեղինակը իրոք ես եմ, թեև իմ հիվանդոտ բարեկամը, որին ես սովոր եմ ներել նրա թուլացած լինելու պատճառով, հիմա քննադատեց այն։ Բայց հորինել եմ ես և անկեղծ բարեկամիս ամսագրում տպագրել եմ որպես թղթակցություն։ Միայն բանաստեղծություններն իրոք իմը չեն և իրոք պատկանում են հայտնի երգիծաբանի գրչին։ Բուրդովսկու մոտ ես միայն կարդացի, այն էլ ոչ ամբողջը, և անմիջապես նրանից համաձայնություն ստացա տպագրելու, բայց համաձայնեցեք, որ ես կարող էի տպագրել նաև առանց համաձայնության։ Հրապարակայնությունը համընդհանուր, վսեմ և բարերար իրավունք է։ Հուսով եմ, որ դուք ինքներդ, իշխան, այնքան առաջադեմ եք, որ չեք ժխտի այդ․․․

— Ոչինչ չեմ ժխտի, բայց համաձայնեցեք, որ ձեր հոդվածում. ..

— Սո՞ւր է, ուզում եք ասել։ Բայց չէ՞ որ այստեղ, այսպես ասած, օգուտ է հասարակությանը, ինքներդ համաձայնեցեք, և, վերջապես, մի՞թե հնարավոր է բաց թողնել այսպիսի գրգռիչ դեպք։ Ավելի վատ մեղավորների համար, բայց հասարակության օգուտն ամենից առաջ։ Ինչ վերաբերում է որոշ անճշտություններին, այսպես ասած հիպերբոլաներին, ապա համաձայնեցեք, և նրան, որ ամենից առաջ կարևոր է նախաձեռնությունը, ամենից առաջ նպատակն ու մտադրությունը, կարևոր է բարերար օրինակը, իսկ հետո արդեն քննարկենք մասնավոր դեպքերը, և, վերջապես, այստեղ ոճ կա, այստեղ, այսպես ասած, երգիծաբանական խնդիր կա, և, վերջապես, բոլորն այդպես են գրում, ինքներդ համաձայնեցեք։ Հա֊հա՜։

— Բոլորովի՜ն կեղծ ճանապարհ։ Հավատացնում եմ ձեզ, պարոնայք,― գոչեց իշխանը,― դուք հոդվածը գրել եք այն ենթադրությամբ, որ ես ոչ մի դեպքում չեմ համաձայնի բավարարել պարոն Բուրդովսկուն, և նշանակում է, որպեսզի դրա համար ինձ վախեցնեք և որևէ բանով վրեժ լուծեք։ Բայց ի՞նչ գիտեիք, գուցե ես որոշել էի բավարարել Բուրդովսկուն։ Ես ձեզ ուղղակի, բոլորի ներկայությամբ հիմա հայտարարում եմ, որ կբավարարեմ...

— Ահա, վերջապես խելացի և ազնիվ մարդու խելացի և ազնիվ խոսք,— ազդարարեց բռնցքամարտիկը։

— Տե՜ր աստված,— դուրս թռավ Լիզավետա Պրոկոֆևնայի բերանից։

— Սա անտանելի՛ է,— մրթմրթաց գեներալը։

— Դե թույլ տվեք, պարոնայք, թույլ տվեք, որ շարադրեմ գործը,— աղերսում էր իշխանը,— մոտ հինգ շաբաթ առաջ եկավ ձեր լիազորն ու հավատարմատարը, պարոն Բուրդովսկի, Չեբարովը։ Դուք նրան շատ գովեստով եք նկարագրել ձեր հոդվածում, պարոն Կելլեր,— դարձավ իշխանը բռնցքամարտիկին, հանկարծ ծիծաղելով,— բայց նա ինձ բոլորովին դուր չեկավ։ Ես սկզբից ևեթ հասկացա, որ ամբողջ բանը հենց այդ Չեբարովն է, որ կարող է պատահել, հենց նա է ձեզ սովորեցրել, պարոն Բուրդովսկի, օգտվելով ձեր միամտությունից, սկսել այս ամենը, եթե անկեղծ ասելու լինենք։

— Դա, իրավունք չունեք․․․ ես... միամիտ չեմ... դա...— հուզված թոթովեց Բուրդովսկին։

— Դուք ոչ մի իրավունք չունեք այդպիսի ենթադրություններ անելու,— խրատական եղանակով պաշտպան կանգնեց Լեբեդևի քրոջորդին։

— Դա վերին աստիճանի վիրավորական է,— ճղճղաց Իպոլիտը,— վիրավորական, սխալ և գործին չվերաբերվող ենթադրություն է։

— Ներեցեք, պարոնայք, ներեցեք,— շտապ մեղա եկավ իշխանը,— խնդրում եմ, ներեցեք, այդ նրա համար էր, որ մտածեցի, ավելի լավ չի՞ լինի, որ բոլորովին անկեղծ լինենք միմյանց հետ. բայց ձեր կամքն է, ինչպես կուզեք։ Ես Չեբարովին ասացի, քանի որ Պետերբուրգում չեմ, ապա անմիջապես լիազորում եմ բարեկամիս, որ այդ գործը վարի, իսկ ձեզ, պարոն Բուրդովսկի, այդ մասին կծանուցեմ։ Ես ձեզ ուղղակի կասեմ, պարոնայք, որ այդ գործը ինձ թվաց ամենախարդախ գործ, հենց այն պատճառով, որ այդտեղ Չեբարովն էր խառնված... Օխ, մի վիրավորվեք, պարոնայք։ Ի սեր աստծո, մի վիրավորվեք,— վախեցած գոչեց իշխանը, նորից տեսնելով Բուրդովսկու վիրավորված վրդովմունքի, նրա ընկերների հուզմունքի ու բողոքի դրսևորումը,— դա չի կարող անձնապես ձեզ վերաբերվել, եթե ես ասում եմ, որ այդ գործը համարում էի խաբեբայական։ Չէ՞ որ ես այն ժամանակ ձեզնից ոչ մեկին անձնապես չէի ճանաչում և ձեր ազգանուններն էլ չգիտեի. ես միայն Չեբարովով էի դատում. ես ասում եմ ընդհանրապես, որովհետև... եթե միայն իմանայիք, ինչպե՜ս սարսափելի խաբել են ինձ այն պահից, երբ Ժառանդություն եմ ստացել։

— Իշխան, դուք շատ միամիտ եք,— ծաղրաբար նկատեց Լեբեդևի քրոջորդին։

— Եվ ընդսմին իշխան եք և միլիոնատեր։ Ձեր, գուցե և, իրոք բարի ու պարզունակ սրտով, դուք, համենայն դեպս, իհարկե, չեք կարող ազատվել ընդհանուր օրենքից, — ազդարարեց Իպոլիտը։

— Կարող է պատահել, շատ կարող է պատահել, պարոնայք,— շտապում էր իշխանը,— թեև ես չեմ հասկանում, թե ինչ ընդհանուր օրենքի մասին եք խոսում դուք. բայց ես շարունակում եմ, միայն թե դուք զուր տեղը մի վիրավորվեք. երդվում եմ, ձեզ վիրավորելու նվազագույն իսկ ցանկություն չունեմ։ Եվ իսկապես, սա ի՞նչ բան է, պարոնայք. ոչ մի խոսք չի կարելի անկեղծ ասել, իսկույն վիրավորվում եք։ Բայց նախ և առաջ ինձ սաստիկ զարմացրեց, որ գոյություն ունի «Պավլիշչևի որդի», և գոյություն ունի այդպիսի սարսափելի վիճակում, ինչպես ինձ բացատրեց Չեբարովը։ Պավլիշչևը իմ բարերարն է և իմ հոր բարեկամը։ (Ախ, ինչո՞ւ եք այդպես սուտ գրել ձեր հոդվածում իմ հոր մասին, պարոն Կելլեր։ Վաշտի գումարների ոչ մի վատնում և ստորադրյալների նկատմամբ ոչ մի վիրավորանք չի եղել,— դրանում ես հաստատ համոզված եմ, և ինչպե՞ս ձեր ձեռքը բարձրացավ այդպիսի զրպարտություն գրելու)։ Իսկ այն, ինչ գրել եք Պավլիշչևի մասին, արդեն բոլորովին անտանելի է։ Դուք այդ ազնվագույն մարդուն անվանում եք հեշտասեր ու թեթևսոլիկ այնպես համարձակ, այնպես հաստատ, կարծես թե իսկապես ճշմարտությունն եք ասում, մինչդեռ նա ամենաողջախոհ մարդն էր, ինչպիսիք եղել են աշխարհում։ Նա նույնիսկ հրաշալի գիտնական էր, նա գիտության մեջ շատ հարգարժան մարդկանց թղթակիցն էր և շատ փող էր ծախսել գիտությանն ի նպաստ։ Ինչ վերաբերում է նրա սրտին, նրա բարի գործերին, օ, իհարկե, դուք արդարացի եք գրել, որ ես այն ժամանակ համարյա ապուշ էի և ոչինչ չէի կարող հասկանալ (թեև ռուսերեն համենայն դեպս խոսում էի և կարող էի հասկանալ), բայց չէ՞ որ կարող եմ գնահատել այն ամենը, ինչ որ հիմա հիշում եմ...

— Ներեցեք,— ճղճղում էր Իպոլիտը,— չափից ավելի զգայացունց չի՞ լինի դա։ Մենք երեխա չենք։ Դուք ուզում էիք ուղղակի գործին անցնել, ժամը տասն է լինում, այդ հիշեցեք։

— Խնդրեմ, խնդրեմ, պարոնայք,— անմիջապես համաձայնեց իշխանը,— առաջին անվստահությունից հետո ես մտածեցի, որ կարող եմ և սխալվել, և որ իրոք Պավլիշչևը կարող էր որդի ունենալ։ Բայց ինձ խիստ զարմացրեց, որ այդ որդին այդպես հեշտ, այսինքն՝ ես ուզում եմ ասել այդպես հրապարակայնորեն հայտնում է իր ծննդյան գաղտնիքը և, գլխավորը, խայտառակում է իր մորը։ Որովհետև Չեբարովն արդեն այն ժամանակ էլ ինձ վախեցնում էր հրապարակայնությամբ...

— Ի՜նչ հիմարություն,— բղավեց Լեբեդևի քրոջ որդին։

— Դուք իրավունք չունե՛ք... իրավունք չունե՛ք,— գոչեց Բուրդովսկին։

— Որդին պատասխանատու չէ հոր անառակ քայլի համար, իսկ մայրը մեղավոր չէ,— տաք֊տաք ճղճղաց Իպոլիտը։

— Առավել ևս, թվում է, պետք էր խնայել...— երկչոտ ասաց իշխանը։

— Դուք, իշխան, ոչ միայն միամիտ եք, այլ, դեռ ավելի առաջ եք անցել,— չարությամբ քմծիծաղ տվեց Լեբեդևի քրոջորդին։

— Ի՞նչ իրավունք ունեիք դուք․․․— ամենաանբնական ձևով ճղճղաց Իպոլիտը։

— Ո՛չ մի, ո՛չ մի,— հապճեպ նրա խոսքը կտրեց իշխանը,— դրանում դուք իրավացի եք, խոստովանում եմ, բայց դա ակամայից էր, և ես հենց այն ժամանակ ինքս ինձ ասացի, որ իմ անձնական զգացմունքները գործի վրա չպետք է ազդեն, որովհետև եթե ես ինքս արդեն ինձ պարտավոր եմ ճանաչում բավարարելու պարոն Բուրդովսկու պահանջը, ի սեր դեպի Պավլիշչևն ունեցած իմ զգացմունքների, ապա պետք է բավարարեմ ինչ դեպքում ուզում է լինի, այսինքն՝ պարոն Բուրդովսկուն հարգելիս լինեի, թե չլինեի։ Ես միայն նրա համար սկսեցի դրա մասին, պարոնայք, որ այնուամենայնիվ ինձ անբնական թվաց, որ որդին այդպես հրապարակավ բաց է անում իր մոր գաղտնիքը․․․ Մի խոսքով, ես գլխավորը, հենց այդ պատճառով համոզվեցի, որ Չեբարովը պետք է սրիկայի մեկը լինի և խաբեությամբ ինքն է դրդել պարոն Բուրդովսկուն այդպիսի խարդախության։

— Բայք ախր սա արդեն անտանելի՜ է,— ձայներ հնչեցին նրա հյուրերի միջից, որոնցից մի քանիսը նույնիսկ վեր թռան աթոռներից։

— Պարոնա՛յք։ Ես հենց դրա համար կարծեցի, որ դժբախտ պարոն Բուրդովսկին պետք է որ միամիտ, անօգնական, խարդախներին հեշտ ենթարկվող մարդ լինի, նշանակում է, առավել ևս ես պարտավոր էի օգնել նրան, որպես «Պավլիշչևի որդու», նախ, հակազդելով պարոն Չեբարովին, երկրորդ, իմ անձնվիրությամբ ու բարեկամությամբ, որպեսզի նրան ղեկավարեմ, իսկ երրորդ, նշանակել եմ նրան տալու տասը հազար ռուբլի, այսինքն՝ այն ամենը, ինչքան փող իմ հաշվով Պավլիշչևը կարող էր ծախսած լինել ինձ վրա...

— Ինչպե՜ս։ Միայն տասը հազա՜ր,— բղավեց Իպոլիտը։

— Դե, իշխան, դուք շատ թույլ եք թվաբանությունից կամ թե չափազանց ուժեղ եք, թեև պարզունակ եք ձևանում,― բացականչեց Լեբեդևի քրոջորդին;

— Ես տասը հազարին համաձայն չեմ,— ասաց Բուրդովսկին։

— Անտիպ, համաձայնիր,— արագ ու պարզորոշ շշուկով հուշեց բռնցքամարտիկը, հետևից կռանալով Իպոլիտի աթոռի վրայով,— համաձայնիր, հետո կտեսնենք։

— Լսեցեք, պարոն Միշկին,— ճղճղում էր Իպոլիտը,— հասկացեք, որ մենք հիմարներ չենք, գռեհիկ հիմարներ չենք, ինչպես, հավանաբար, մեր մասին մտածում են ձեր բոլոր հյուրերն ու այս տիկնայք, որոնք այդպիսի զայրույթով քմծիծաղում են մեզ վրա, և հատկապես այս բարձրաշխարհիկ պարոնը (նա ցույց տվեց Եվգենի Պավլովիչին), որին, հասկանալի է, ճանաչելու պատիվը չունեմ ես, բայց որի մասին կարծեմ, որոշ բաներ իմացել եմ...

— Թույլ տվեք, թույլ տվեք, պարոնայք, դուք դարձյալ չհասկացաք ինձ,― հուզված դիմեց նրանց իշխանը,― նախ և առաջ, դուք, պարոն Կելլեր, ձեր հոդվածում չափազանց անստույգ եք նշել իմ կարողությունը. ես բոլորովին էլ միլիոններ չեմ ստացել, իմ ունեցածը, գուցե, միայն մեկ ութերորդը կամ մեկ տասներորդն է այն գումարի, որ դուք ենթադրում եք, թե ունեմ։ Երկրորդ, Շվեյցարիայում ինձ վրա րոլորովին էլ տասնյակ հազարներ չեն ծախսվել։ Շնեյդերը տարեկան ստանում էր վեց հարյուրական ռուբլի, և այն էլ միայն առաջին երեք տարին, իսկ սիրունիկ դաստիարակչուհիների համար Պավչիշչևը երբեք Փարիզ չէր գնում. դա դարձյալ զրպարտություն է։ Իմ կարծիքով ընդամենը տասը հազարից շատ ավելի պակաս է ծախսված ինձ վրա, բայց ես նշանակել եմ տասը հազար, և, ինքներդ համաձայնեցեք, պարտքս հատուցելով, ես ոչ մի կերպ չէի կարող պարոն Բուրդովսկուն ավելին առաջարկել, եթե նույնիսկ նրան սաստիկ սիրելիս լինեի, և չէի կարող հենց միայն նրբանկատության զգացմունքից, որովհետև նրան պարտքս էի հատուցում և ոչ թե ողորմություն էի ուղարկում։ Չգիտեմ, պարոնայք, դուք ինչպե՜ս չեք հասկանում սա։ Բայց ես ուզում էի այդ ամենը հետո հատուցել իմ բարեկամությամբ, իմ գործոն միջամտությամբ դժբախտ պարոն Բուրդովսկու ճակատագրին, որն ըստ երևույթին խաբված է, որովհետև չէ՞ որ չէր կարող նա ինքը առանց խաբված լինելու համաձայնել այնպիսի ստորության, ինչպես, օրինակ, նրա մոր մասին պարոն Կելլերի, հոդվածում այսօրվա հրապարակումը... Դե վերջապես ի՞նչ եք նորից ձեզ կորցնում, պարոնայք։ Չէ՞ որ վերջապես բոլորովին չենք կարողանա հասկանալ միմյանց։ Չէ՞ օր իմ ասածը դուրս եկավ։ Ես հիմա սեփական աչքովս համոզվեցի, որ իմ ենթադրությունն իրավացի էր,— համոզում էր տաքացած իշխանը, ցանկանալով խաղաղեցնել հուզմունքը և չնկատելով, որ միայն ավելացնում է այն։

— Ինչպե՞ս թե։ Ինչո՞ւմ համոզվեցիք,— հարձակվում էին նրա վրա գրեթե կատաղած։

— Ներեցեք, նախ և առաջ ես ինքս կարողացա հրաշալի դիտել պարոն Բուրդովսկուն, չէ՞ որ հիմա ես ինքս տեսնում եմ, թե ինչպիսին է նա․․․ Նա անմեղ մարդ է, որին, սակայն, բոլորը խաբում են։ Անպաշտպան մարդ է... և դրա համար էլ ես պետք է նրան խնայեմ, իսկ երկրորդ, Գավրիլա Արդալիոնովիչը, որին հանձնարարված է եղել գործը և որից ես վաղուց տեղեկություն չէի ստանում, որովհետև ճանապարհին էի գտնվում և հետո Պետերբուրգում երեք օր հիվանդ էի. հանկարծ հիմա, ընդամենը մի ժամ առաջ, մեր առաջին հանդիպման ժամանակ, ինձ հայտնում է, որ Չեբարովի բոլոր մտադրությունները նա հասկացել է, ապացույցներ ունի, և որ Չեբարովը հենց այն է, ինչ որ ես ենթադրում էի։ Չէ՞ որ ես գիտեմ, պարոնայք, որ ինձ շատերը ապուշ են համարում, և Չեբարովը, ըստ իմ այն համբավի, որ հեշտությամբ եմ փողերը տալիս, մտածում էր ինձ շատ հեշտությամբ խաբել, և հենց հույսը դնելով դեպի Պավլիշչևն ունեցած իմ զգացմունքների վրա։ Բայց գլխավորն այն է, դե լսեցեք ախր, պարոնայք, լսեցեք մինչև վերջ, գլխավորն այն է, որ հիմա հանկարծ պարզվում է, որ պարոն Բուրդովսկին ամենևին էլ Պավչիշչևի որդին չէ։ Հիմա դա ինձ հայտնեց Գավրիլա Արդալիոնովիչը, և հավատացնում է, որ հաստատ ապացույցներ ունի։ Դե, ինչպե՞ս կթվա սա ձեզ, չէ՞ որ անհնար է հավատալը այն ամենից հետո, ինչ որ արդեն արել եք։ Եվ լսեցեք. հաստա՛տ ապացույցներ։ Ես դեռ չեմ հավատում, ինքս չեմ հավատում, հավատացնում եմ ձեզ. ես դեռ կասկածում եմ, որովհետև Գավրիլա Արդալիոնովիչը դեռ չի հասցրել բոլոր մանրամասնությունները հայտնել ինձ, բայց որ Չեբարովը սրիկա է, ապա դրանում հիմա արդեն կասկած չկա։ Նա և դժբախտ պարոն Բուրդովսկուն, և ձեզ բոլորիդ, պարոնայք, որոնք ազնվաբար եկել եք սատարելու ձեր բարեկամին (քանի որ նա ըստ երևույթին դրա կարիքն ունի, չէ՞ որ ես հասկանում եմ դա), նա ձեզ բոլորիդ խաբել է և ձեզ բոլորիդ խճճել մի խաբեբայական դեպքի մեջ, որովհետև ըստ էության չէ՞ որ սա խաբեբայություն է, սրիկայություն։

— Ինչպե՞ս թե խաբեբայություն է... ինչպե՞ս թե «Պավլիշչևի որդին» չէ․․․ ինչպե՞ս կարելի է դա․․․— հնչեցին բացականչություններ։ Բուրդովսկու ամբողջ խումբը աներևակայելի իրարանցման մեջ էր։

— Դե, հասկանալի է, որ խաբեբայություն է։ Չէ՞ որ եթե հիմա դուրս գա, որ պարոն Բուրդովսկին «Պավլիշչևի որդին» չէ, չէ՞ որ այդ դեպքում պարոն Բուրդովսկու պահանջը ուղղակի խաբեբայության է դուրս գալիս (այսինքն, հասկանալի է, եթե նա ճշմարտությունն իմանար), բայց բանն էլ հենց այն է, որ նրան խաբել են, դրա համար էլ ես պնդում եմ, որպեսզի նրան արդարացնեմ. դրա համար էլ ասում եմ, որ նա արժանի է խղճահարության, իր միամտության պատձառով, և չի կարող առանց օգնության լինել, այլապես չէ՞ որ նա էլ այդ գործով խաբեբա դուրս կգա։ Բայց ախր ես ինքս արդեն համոզված եմ, որ նա ոչինչ չի հասկանում։ Ես ինքս էլ մինչև Շվեյցարիա գնալս այդ վիճակում էի, նույնպես թոթովում էի անկապ խոսքեր, ուզում ես արտահայտվել ու չես կարող... Ես դա հասկանում եմ. ես կարող եմ շատ կարեկցել, որովհետև ես ինքս էլ գրեթե այդպիսին եմ, ինձ թույլատրելի է խոսել։ Եվ, վերջապես, այնուհանդերձ, չնայած հիմա արդեն «Պավլիշչևի որդի» չկա, և որ այդ բոլորը խաբեություն է դուրս գալիս, ես չեմ փոխում որոշումս և պատրաստ եմ վերադարձնել տասը հազարը, ի հիշատակ Պավլիշչևի։ Չէ՞ որ մինչև պարոն Բուրդովսկին ես ուզում էի այդ տասը հազարը ի հիշատակ Պավլիշչևի գործադրել դպրոցի վրա, բայց չէ՞ որ հիմա դա միևնույնը կլինի, դպրոցի վրա, թե պարոն Բուրդովսկու, որովհետև եթե պարոն Բուրդովսկին «Պավլիշչևի որդին» չէ, ապա համարյա թե ոնց որ «Պավլիշչևի որդին» լինի․ որովհետև չէ՞ որ նրան էլ այդպես չարամտորեն խաբել են. նա ինքն անկեղծորեն իրեն համարում էր Պավլիշչևի որդին։ Ուրեմն, պարոնայք, լսեցեք Գավրիլա Արդալիոնովիչին, վերջացնենք սա, մի բարկացեք, մի հուզվեք, նստեցեք։ Գավրիլա Արդալիոնովիչը հիմա մեզ կբացատրի այդ ամենը, և ես, խոստովանում եմ, ինքս էլ շատ եմ ուզում իմանալ բոլոր մանրամասնությունները։ Նա ասում է, որ նույնիսկ գնացել է Պսկով ձեր մայրիկի մոտ, պարոն Բուրդովսկի, որը բոլորովին էլ չի մեռել, ինչպես ձեզ հարկադրել են գրել հոդվածում... Նստեցեք, պարոնայք, նստեցեք։

Իշխանը նստեց և կարողացավ նորից նստեցնել պարոն Բուրդովսկու՝ տեղներիը վեր թռած խմբին։ Վերջին տասը կամ քսան րոպեն նա խոսում էր տաքացած, բարձրաձայն, անհամբեր արագախոսությամբ, հափշտակված, ջանալով բոլորին հաղթել իր խոսելով, բոլորի ձայնը կտրել, և իհարկե, հետո նա արդեն դառնորեն զղջում էր հիմա իր բերանից դուրս թռած որոշ բառերի և ենթադրությունների համար։ Եթե նրան չգրգռեին և համարյա համբերությունից չհանեին, նա իրեն թույլ չէր տա այդպես մերկ և այդպես հապճեպ բարձրաձայն արտահայտել իր որոշ կռահումներն ու ավելորդ անկեղծությունները։ Բայց հենց որ նա տեղը նստեց, մի այրող զղջում ցավ պատճառելու աստիճան խոցեց նրա սիրտը։ Բացի նրանից, որ նա «վիրավորել» էր Բուրդովսկուն, այդպես հրապարակով ենթադրելով նրա մեջ նույն հիվանդությունը, որից ինքը բուժվում էր Շվեյցարիայում, բացի դրանից, տասը հազարի առաջարկը, դպրոցի փոխարեն, նրա կարծիքով, արված էր կոպիտ և անզգույշ, ինչպես ողորմություն, և հատկապես նրանով, որ արված էր մարդկանց ներկայությամբ, բարձրաձայն։ «Պետք էր սպասել և առաջարկել վաղը առանձին, իսկ հիմա արդեն գործն ուղղել չի լինի։ Այո, ես ապուշ եմ, իսկական ապուշ»,― որոշեց նա իր մեջ ամոթի և անսահման վշտի նոպայով։

Այդ միջոցին Գավրիլա Արդալիոնովիչը, որ մինչև այժմ կանգնած էր մեկուսի և համառորեն լռում էր, իշխանի հրավերով առաջ եկավ, կանգնեց նրա կողքին և հանգիստ ու պարզ սկսեց շարադրել իշխանի կողմից նրան հանձնարարած գործի հաշվետվությունը։ Բոլոր խոսակցությունները վայրկենապես լռեցին։ Բոլորը լսում էին արտակարգ հետաքրքրությամբ, հատկապես Բուրդովսկու խումբը։

IX

— Դուք, իհարկե, չեք ժխտի,— սկսեց Գավրիլա Արդալիոնովիչը, ուղղակի դիմելով ամբողջ ուշադրությամբ նրան ունկնդրող Բուրդովսկուն, որ զարմանքից աչքերը պլշել էր նրա վրա և, ըստ երևույթին, խիստ հուզված էր,— դուք չեք ժխտի, և իհարկե, չեք էլ ուզենա լրջորեն ժխտել, որ ծնվել եք ձեր հոր՝ կոլեգիական ասեսոր Բուրդովսկու հետ ձեր հարգարժան մայրիկի օրինական ամուսնությունից ուղիղ երկու տարի հետո։ Ձեր ծննդյան ժամանակը փաստացի ապացուցելը չափազանց հեշտ է, այնպես որ պարոն Կելլերի հոդվածի մեջ ձեզ և ձեր մայրիկի համար չափազանց վիրավորական աղավաղումն այդ փաստի բացատրվում է միայն պարոն Կելլերի սեփական վառ երևակայությամբ, որը ենթադրում էր դրանով ուժեղացնել ձեր իրավունքի ակնհայտությունը և դրանով օգնել ձեր շահերին։ Պարոն Կելլերն ասում է, որ նախօրոք ձեզ համար կարդացել է հոդվածը, թեև ոչ ամբողջը․․․ անկասկած, նա ձեզ համար չի կարդացել մինչև այդ տեղը...

— Իրոք, չեմ կարդացել,― ընդհատեց բռնցքամարտիկը,— բայց բոլոր փաստերը ինձ հայտնած է եղել մի լավատեղյակ անձնավորություն, և ես...

— Ներեցեք, պարոն Կելլեր,— կանգնեցրեց նրան Գավրիլա Արդալիոնովիչւ,— թույլ տվեք ինձ խոսելու։ Հավատացնում եմ ձեզ, որ բանը ձեր հոդվածին կհասնի իր հերթին, այն ժամանակ էլ կհայտնեք ձեր բացատրաթյունները։ Իսկ հիմա ավելի լավ է շարունակենք կարգով։ Միանգամայն պատահական ձևով, իմ քրոջ, Վարվառա Արդալիոնովնա Պտիցինայի օգնությամբ, նրա մոտիկ բարեկամուհուց՝ կալվածատիրուհի և այրի Վերա Ալեքսեևնա Զուբկովայից ձեռք բերի հանգուցյալ Նիկոլայ Անդրեևիչ Պավլիշևի՝ սրանից քսանչորս տարի առաջ արտասահմանից նրան գրած մի նամակը։ Մտերմանալով Վերա Ալեքսեևնայի հետ, ես, նրա ցուցումով, դիմեցի պարոն Պավլիշչևի հեռավոր ազգական և ժամանակին շատ լավ բարեկամ, պաշտոնաթող գնդապետ Տիմոֆեյ Ֆյոդորովիչ Վյազովկինին։ Ինձ հաջողվեց նրանից ստանալ Նիկոլայ Անդրեևիչի ևս երկու նամակը, նույնպես արտասահմանից գրված։ Այդ երեք նամակներով, նրանցում նշված տարեթվերով ու փաստերով մաթեմատիկորեն ապացուցվում է, հերքելու և նույնիսկ կասկածելու առանց որևէ հնարավորության, որ Նիկոլայ Անդրեևիչը այն ժամանակ արտասահման է մեկնել (որտեղ և մնացել է երեք տարի անընդհատ) ձեր ծնվելուց ուղիղ մեկ և կես տարի աոաջ, պարոն Բուբդովսկի։ Ձեր մայրիկը, ինչպես հայտնի է ձեզ, Ռուսաստանից երբեք չի մեկնել... Այս րոպեիս ես չեմ կարդա այդ նամակները։ Հիմա արդեն ուշ է. ես միայն բոլոր դեպքերում հայտնում եմ փաստերը։ Բայց եթե ուզում եք, պարոն Բուրդովսկի, թեկուզ հենց վաղը առավոտյան տեսակցություն նշանակել ինձ մոտ և բերել ձեր վկաներին, քանի հոգի ուզում եք, և էքսպերտներ՝ ձեռագիրը համեմատելու համար, ապա ինձ համար ոչ մի կասկած չկա, որ դուք չեք կարող չհամոզվել իմ հայտնած փաստի ակնհայտ ճշմարտությանը։ Իսկ եթե այդպես է, հասկանալի է, այդ ամբողջ գործը վերանում է և ինքնըստինքյան կարճվում։

Նորից հետևեց ընդհանուր շարժում և խոր հուզմունք։ Բուրդովսկին ինքը հանկարծ վեր կացավ աթոռից։

— Եթե այդպես է, ապա ես խաբված եմ եղել, խաբված, բայց ոչ թե Չեբարովի կողմից, այլ վաղուց, շատ վաղուց, չեմ ուզում էքսպերտներ, չեմ ուզում տեսակցություն, ես հավատում եմ, ես հրաժարվում եմ... տասը հազար համաձայն չեմ... մնաք բարով... .

Նա գլխարկը վերցրեց և աթոռը մի կողմ քշեց, որպեսզի գնա։

— Եթե կարող եք, պարոն Բուրդովսկի,— կամացուկ ու քաղցրաձայն կանգնեցրեց նրան Գավրիլա Արդալիոնովիչը,― ապա մնացեք թեկուզ մի հինգ րոպե էլ։ Այս գործով բացվում են էլի մի քանի շատ կարևոր փաստեր, հատկապես ձեզ համար, համենայն դեպս, չափազանց հետաքրքիր։ Իմ կարծիքով, ձեզ չի կարելի դրանց հետ չծանոթանալ, ու, թերևս, հենց ձեզ համար ավելի հաճելի կլինի, եթե գործը լիովին պարզաբանվի...

Բուրդովսկին լուռ նստեց, փոքր-ինչ գլխահակ և կարծես սաստիկ մտազբաղ։ Նրա հետևից նստեց նաև Լեբեդևի քրոջորդին, որը նույնպես վեր էր կացել նրան ուղեկցելու. սա թեև գլուխը և համարձակությունը չէր կորցրել, բայց ըստ երևույթին խիստ մտահոգված էր։ Իպոլիտը խոժոռված էր, ախար և կարծես շատ զարմացած։ Այդ րոպեին, ի դեպ, նրա հազը այնպես բռնեց, որ նույնիսկ թաշկինակը կեղտոտեց արյունով։ Բռնցքամարտիկը համարյա վախեցած էր։

— Է՜խ, Անտիպ,— բղավեց նա դառնությամբ։― Ախր ես քեզ ասում էի այն ժամանակ․․․ երեք օր առաջ, որ դու, գուցե իսկապես էլ Պավլիշչևի որդին չես։

Լսվեց զուսպ ծիծաղ, երկուսը֊երեքը ծիծաղեցին մյուսներից ավելի բարձրաձայն։

—— Այս րոպեին ձեր հայտնած փաստը, պարոն Կելլեր,― վրա բերեց Գավրիլա Արդալիոնովիչը,— շատ թանկաիժեք է։ Այնուամենայնիվ ես լիակատար իրավունք ունեմ ամենաճշգրիտ տվյալներով պնդելու, որ թեև պարոն Բուրդովսկուն, իհարկե, շատ լավ հայտնի էր իր ծննդյան ժամանակը, բայց բոլորովին հայտնի չէր Պավլիշչևի արտասահմանում գտնվելու այդ հանգամանքը, որտեղ պարոն Պավլիշչևը անց է կացրել իր կյանքի մեծ մասը, Ռուսաստան վերադառնալով միայն կարճ ժամկետներով։ Բացի այդ, այն ժամանակվա մեկնելու փաստն ինքնին չափազանց աննշան է, որպեսզի ավելի քան քսան տարի անց հիշեն նույնիսկ Պավլիշչևին մոտիկից ճանաչողները, ուր մնաց պարոն Բուրդովսկին, որն այն ժամանակ դեռ չէր էլ ծնվել։ Իհարկե, հիմա տեղեկանքներ հավաքելը անհնար չեղավ, բայց ես պետք է խոստովանեմ, որ իմ ստացած տեղեկանքները ինձ հաջողվել է ձեռք բերել բոլորովին պատահականորեն և շատ կարող էին ձեռքս չընկնել, այնպես որ պարոն Բուրդովսկու և նույնիսկ Չեբաբովի համար այդ տեղեկանքներն իրոք գրեթե անհնարին էին, եթե անգամ նրանց մտքով անցներ ձեռք բերել։ Բայց չէ՞ որ կարող էր նաև մտքներովը չանցնել...

― Թույլ տվեք, պարոն Իվոլգին,— գրգռված ընդհատեց նրան հանկարծ Իպոլիտը,— ինչի՞ համար է այս ամբողջ բարբաջանքը (ներեցեք ինձ)։ Գործը հիմա բացատրվեց, մենք համաձայնում ենք հավատալ գլխավոր փաստին, էլ ի՞նչ կարիք կա երկարացնել ծանր ու վիրավորական քաշքշուկը։ Գուցե դուք ուզում եք պարծենալ ձեր որոնումների ճարպկությամբ, մեր առաջ և իշխանի առաջ ցուցադրե՞լ, թե ինչ լավ հետաքննիչ, խուզարկու եք դուք։ Կամ հո մտադիր չե՞ք նախաձեռնել Բուրդովսկու ներումն ու արդարացումը նրանով, որ նա այս գործի մեջ խրվել է անտեղյակ լինելով։ Բայց դա հանդգնություն է, ողորմած տեր։ Ձեր արդարացման ու ներման կարիքը չունի Բուրդովսկին, թող հայտնի լինի ձեզ։ Նրա համար վիրավորական է, նրա համար առանց այն էլ ծանր է հիմա, նա անհարմար վիճակի մեջ է, դուք պետք է կռահեիք, հասկանայիք դա...

— Բավական է, պարոն Տերենտև, բավական է,— հաջողվեց Գավրիլա Արդալիոնովիչին ընդհատել նրան,― հանգստացեք, մի գրգռեք ձեզ. դուք, կարծես, շա՞տ անառողջ եք։ Ես ձեզ կարեկցում եմ։ Այդ դեպքում, եթե ուզում եք, ես վերջացրի, այսինքն՝ ստիպված կլինեմ միայն կարճառոտ հաղորդել այն փաստերը, որոնք, իմ համոզմամբ, ավելորդ չէր լինի իմանալ լիակատար կերպով,― ավելացրեց նա, նկատելով անհամբերության նմանող որոշ ընդհանուր շարժում։― Ես միայն ուզում եմ հայտնել, ապացույցներով, այս գործում բոլոր շահագրգռված անձանց ի գիտություն, որ ձեր մայրիկը, պարոն Բուրդովսկի, լոկ այն պատճառով էր օգտվում Պավլիշչևի համակրանքից ու հոգածությունից, որ հարազատ քույրն էր այն ճորտ աղջկա, որին սիրահարված էր Պավլիշչևը իր ամենավաղ երիտասարդության տարիներին, բայց այն աստիճան, որ անպայման կամուսնանար նրա հետ, եթե աղջիկը հանկարծահաս չմեռներ։ Ես ապացույցներ ունեմ, որ այս միանգամայն ճիշտ և ճշգրիտ ընտանեկան փաստը չափազանց քիչ հայտնի է, նույնիսկ բոլորովին մոռացված։ Այնուհետև ես կարող էի բացատրել, թե ինչպես ձեր մայրիկին, դեռևս տասնամյա մի երեխայի, վերցրել է պարոն Պավյիշչևը դաստիարակելոլ որպես ազգականուհի, որ նրա համար ետ է դրվել նշանակալից օժիտ և որ այդ ամբողջ հոգածությունը չափազանց տագնապալից լուրեր է ծնել Պավյիշչևի բազմաթիվ ազգականների մեջ. նույնիսկ կարծում էին, թե նա կամուսնանա իր սանուհու հետ, բայց վերջացավ նրանով, որ աղջիկն իր հակումով (և դա ստուգապես կարող էի ապացուցել) ամուսնացավ հողաչափ֊չինովնիկ պարոն Բուրդովսկու հետ, քսան տարեկան հասակում։ Այստեղ ինձ մոտ հավաքված են մի քանի ամենաճշգրիտ փաստեր, ապացուցելու համար, թե ինչպես ձեր հայրը՝ պարոն Բուրդովսկին, բոլորովին ոչ գործնական մի մարդ, ձեր մոր համար ստանալով տասնհինգ հազար ռուբլի օժիտ, ծառայությունը թողեց, առևտրական գործերի ձեռնարկեց, խաբվեց, կապիտալը կորցրեց, վշտին չդիմացավ, սկսեց խմել, որից հիվանդացավ և, վերջապես, անժամանակ մեռավ, ձեր մայրիկի հետ ամուսնանալու ութերորդ տարում։ Այնուհետև, ձեր մայրիկի սեփական վկայությամբ, նա մնաց աղքատության մեջ և բոլորովին կկորչեր առանց Պավլիշչևի մշտական և մեծահոգի օժանդակության, որը նրան տալիս էր մինչև վեց հարյուր ռուբլի նպաստ։ Այնուհետև անհամար վկայություններ կան, որ ձեզ՝ մանուկիդ, Պավլիշչևը սաստիկ սիրեց։ Այդ վկայություններից և դարձյալ ձեր մայրիկի հաստատելով՝ դուրս է գալիս, որ նա ձեզ սիրեց գերազանցապես այն պատճառով, որ մանուկ ժամանակ դուք թլվատի տեսք, հաշմանդամի տեսք, խղճուկ, դժբախտ երեխայի տեսք ունեիք (իսկ Պավլիշչևը, ինչպես ես եզրակացրել եմ ստույգ ապացույցներով, ինչ֊որ առանձնահատուկ քնքուշ հակում ուներ դեպի բոլոր ճնշվածներն ու բնության կողմից վիրավորվածները, հատկապես, երբ խոսքը վերաբերում էր երեխաներին, իմ համոզմամբ, մի փաստ, որ չափազանց կարևոր է մեր գործի համար)։ Վերջապես ես կարող եմ պարծենալ այն գլխավոր փաստի ամենաստույգ հետազոտությամբ, թե ինչպես Պավլիշչևի արտակարգ կապվածությունը ձեզ հետ (Պավլիշչևի, որի ջանքերով դուք մտաք գիմնազիա և սովորում էիք հատուկ հսկողության տակ) վերջապես, կամաց֊կամաց, Պավլիշչևի ազգականների և տնեցիների մեջ ծնեց այն միտքը, թե դուք Պավլիշչևի որդին եք և որ ձեր հայրը միայն խաբված ամուսին էր։ Բայց գլխավորն այն է, որ այդ միտքը որպես հաստատ և համընդհանուր կարծիք ամրապնդվեց միայն Պավլիշչևի կյանքի վերջին տարիներին, երբ բոլորը վախեցան կտակի համար և երբ սկզբնական փաստերը մոռացվել էին, իսկ տեղեկանքները անհնար դարձել։ Անտարակույս, այդ միտքը հասել է և ձեզ, պարոն Բուրդովսկի և ամբողջովին տիրել ձեզ։ Ձեր մայրը, որի հետ ես պատիվ ունեցա անձամբ ծանոթանալու, թեև գիտեր այս բոլոր լուրերի մասին, բայց նույնիսկ մինչև հիմա էլ չգիտի (ես էլ թաքցրի նրանից), որ դուք, նրա որդին ևս, գտնվում էիք այդ լուրի հմայքի տակ։ Ձեր մեծարգո մայրիկին, պարոն Բուրդովսկի, ես Պսկովում գտա հիվանդությունների և ամենածայրահեղ աղքատության մեջ, որի մեջ նա ընկել է Պավլիշչևի մահից հետո։ Նա շնորհակալության արցունքն աչքերին հայտնեց, որ միայն ձեր շնորհիվ է ապրում աշխարհի երեսին։ Նա շատ բան է սպասում ձեզանից ապագայում և ջերմորեն հավատում է ձեր ապագա հաջողություններին...

― Դա վերջապես անտանելի է,— բարձրաձայն ու անհամբերությամբ հանկարծ հայտարարեց Լեբեդևի քրոջորդին։— Ինչի՞ համար է այս ամբողջ վեպը։

— Նողկալիորեն անվայելուչ է,— ուժեղ շարժում գործեց Իպոլիտը։ Բայց Բուրդովսկին ոչինչ չնկատեց և նույնիսկ չշարժվեց։

— Ինչի համա՞ր։ Ինչո՞ւ,— խորամանկորեն զարմացավ Գավրիլա Արդալիոնովիչը, թունոտ պատրաստվելով շարադրելու իր եզրափակումը։— Դե նախ և առաջ պարոն Բուրդովսկին հիմա, կարող է պատահել, լիովին համոզված է, որ պարոն Պավլիշչևը նրան սիրում էր մեծահոգությունից, և ոչ թե որպես որդու։ Հենց միայն այս փաստը անհրաժեշտ էր իմանալ պարոն Բուրդովսկուն, որը այն ժամանակ հաստատել ու հավանություն էր ավել պարոն Կելլերին, հոդվածը կարդալուց հետո։ Այսպես եմ ասում նրա համար, որ ձեզ ազնիվ մարդ եմ համարում, պարոն Բուրդովսկի։ Երկրորդ, պարզվում է, որ այստեղ ոչ մի գողություն֊խաբեբայություն չի եղել նույնիսկ Չեբարովի կողմից. դա կարևոր կետ է նույնիսկ ինձ համար, որովհետև իշխանը քիչ առաջ տաքանալով, հիշատակեց, իբր ես էլ նույն կարծիքին եմ այս դժբախտի գործում գողության-խաբեբայության մասին։ Այստեղ, ընդհակառակը, ամեն կողմից լիակատար համոզվածություն կար, և թեկուզ Չեբարովը, գուցե և իրոք մեծ խարեբա է, բայց այս գործում նա արտահայտվում է ոչ ավելի, քան պատրվակարար, գրագիր, արհեստագործ։ Նա հույս ուներ մեծ գումար վաստակել որպես փաստաբան և նրա հաշիվը ոչ միայն նուրբ ու վարպետորեն էր արված, այլև ուղիղ. նա հիմնվում էր այն հեշտության վրա, որով իշխանը տալիս էր փողը և նրա ազնիվ֊հարգալից վերաբերմունքի վրա դեպի հանգուցյալ Պավչիշչևը․ նա հիմնվում էր, վերջապես (որ ամենից կարևորն է), պատվի ու խղճի պարտավորության վերաբերյալ իշխանի որոշ ասպետական հայացքների վրա։ Ինչ վերաբերում է հատկապես պարոն Բուրդովսկուն, ապա կարելի է նույնիսկ ասել, Չեբարովը և նրան շրջապատած խումբը այն աստիճան էր տրամադրել նրան, որ նա, շնորհիվ իր մի քանի համոզմունքների, գործն սկսեց համարյա բոլորովին ոչ շահադիտությունից, այլ գրեթե որպես ճշմարտությանը, առաջադիմությանը և մարդկությանը մատուցվող ծառայություն։ Այժմ, հաղորդած փաստերից հետո, ուրեմն, բոլորի համար պարզ է, որ պարոն Բուրդովսկին ազնիվ մարդ է, չնայած ամբողջ երևութականությանը, և հիմա իշխանը քիչ առաջվանից ավելի շուտ և ավելի սիրով կարող է նրան առաջարկել իր բարեկամական օժանդակությունը, և այն գործոն օգնությունը, որի մասին հիշատակեց քիչ առաջ, խոսելով դպրոցների և Պավլիշչևի մասին։

— Կանգ առեք, Գավրիլա Արդալիոնովիչ, կանգ առեք,— բղավեց իշխանը իսկական վախով, բայց արդեն ուշ էր։

— Ես ասացի, ես արդեն երեք անգամ ասացի,— գրգռված բղավեց Բուրդովսկին,— որ փող չեմ ուզում։ ես չեմ ընդունի․․․ ինչո՞ւ... չեմ ուզում... դո՜ւրս...

Եվ նա քիչ մնաց փախչեր պատշգամբից։ Բայց Լեբեդևի քրոջորդին բռնեց նրա թևից և մի բան շշնջաց նրան։ Նա արագ վերադարձավ և գրպանից հանելով չկնքած նամակի մի մեծ ծրար, նետեց իշխանի մոտ դրած փոքրիկ սեղանին։

— Ահա փողը... դուք չպետք է համարձակվեիք... չպետք է համարձակվեիք... փողը...

— Երկու հարյուր հիսուն ռուբլին, որ դուք համարձակվել էիք իբրև ողորմություն ուղարկել Չեբարովի միջոցով,— պարզաբանեց Դոկտորենկոն։

— Հոդվածում ասված է հիսուն,— բղավեց Կոլյան։

— Ես մեղավոր եմ,— ասաց իշխանը, մոտենալով Բուրդովսկուն, — ես շատ մեղավոր եմ ձեր առաջ, Բուրդովսկի, բայց իբրև ողորմություն չեմ ուղարկել, հավատացեք։ Ես հիմա էլ մեղավոր եմ... Ես քիչ առաջ մեղավոր էի (իշխանի տրամադրությունը շատ ընկած էր, հոգնած և թույլ տեսք ուներ, և բառերն անկապ էին)։ Ես ասացի խաբեբայության մասին․․․ բայց դա ձեր մասին չէ, ես սխալվեցի։ Ես ասացի, որ դուք էլ ինձ պես եք, հիվանդ։ Բայց դուք ինձ պես չեք, դուք... դասեր եք տալիս, դուք ձեր մորն եք պահում։ Ես ասացի, որ դուք խաղք արիք ձեր մորը, բայց դուք նրան սիրում եք. նա ինքն է ասում․․․ Ես չգիտեի․․․ Գավրիլա Արդալիոնովիչը քիչ առաջ ինձ մինչև վերջ չէր ասել․․․ Ես մեղավոր եմ։ Ես համարձակվեցի ձեզ տասը հազար առաջարկել, բայց ես մեղավոր եմ, ես դա այլ կերպ պետք է անեի, իսկ հիմա... չի կարելի, որովհետև դուք ինձ արհամարհում եք...

— Սա խելագարանո՜ց է,— բացականչեց Լիզավետա Պրոկոֆևնան։

— Իհարկե խելագարների տուն է,— չհամբերեց ու կոպիտ ասաց Ագլայան, բայց նրա խոսքերը կորան ընդհանուր աղմուկի մեջ. բոլորն արդեն բարձրաձայն խոսում էին, բոլորը դատողություններ էին անում, որը վիճում էր, որը ծիծաղում։ Իվան Ֆյոդորովիչ Եպանչինը ծայր աստիճան զայրացած էր և, վիրավորված արժանապատվության տեսքով, սպասում էր Լիզավետա Պրոկոֆևնային։ Լեբեդևի քրոջորդին մեջ գցեց վերջին խոսքը.

― Այո, իշխան, ձեզ պետք է արդարացին հատուցել, դուք շատ լավ կարողանում եք օգտվել... դե, ձեր հիվանդությունից (որպեսզի վայելուչ արտահայտված լինեմ), դուք այնպիսի ճարպիկ ձևով աոաջարկեցիք ձեր բարեկամությունն ու փողը, որ հիմա ազնիվ մարդու համար դրանք ընդունելը ոչ մի դեպքում հնարավոր չէ։ Դա կամ արդեն չափազանց անմեղ բան է, կամ չափազանց ճարպիկ․․․ ասենք, ձեզ ավելի հայտնի է։

— Թույլ տվեք, պարոնայք,― բացականչեց Գավրիլա Արդալիոնովիչը, այդ միջոցին բաց անելով փողի ծրարը,— այստեղ բոլորովին էլ երկու հարյուր հիսուն ռուբլի չէ, այլ ընդամենը հարյուր։ Ես նրա համար եմ ասում, իշխան, որ մի թյուրիմացություն չստացվի։

— Թողեք, թողեք,— ձեռքերը թափահարեց իշխանը Գավրիլա Արդալիոնովիչի վրա։

— Ոչ մի «թողեք»,— անմիջապես կպավ Լեբեդևի քրոջորդին։— Մեզ համար վիրավորական է ձեր «թողեք»֊ը, իշխան։ Մենք չենք թաքնվում, մենք բացահայտ հայտարարում ենք, այո, այդտեղ միայն հարյուր ռուբլի է, և ոչ թե երկու հարյուր հիսուն, բայց մի՞թե դա միևնույն չէ․․․

— Ո֊ոչ, միևնույն չէ,— միամիտ տարակուսանքի արտահայտությամբ միջամտեց Գավրիլա Արդալիոնովիչը։

— Ինձ մի ընդհատեք, մենք այնպես հիմար չենք, ինչպես կարծում եք, պարոն փաստաբան,— չար զայրույթով բացականչեց Լեբեդևի քրոջորդին,— հասկանալի է, որ հարյուր ռուբլին երկու հարյուր հիսուն ռուբլի չէ, և միևնույնը չէ, բայց կարևորը սկզբունքն է. այստեղ կարևոր է նախաձեռնությունը, իսկ որ հարյուր հիսուն ռուբլի պակասում է, դա միայն ժամանակի բան է։ Կարևորն այն է, որ Բուրդովսկին չի ընդունում ձեր ողորմությունը, ձերդ պայծառափայլություն, որ նա այդ ողորմությունը ձեր երեսին է շպրտում, իսկ այդ իմաստով միևնույն է, հարյուր ռուբլի լինի, թե երկու հարյուր հիսուն։ Բուրդովսկին չընդունեց տասը հազարը, դուք տեսաք, հարյուր ռուբլին էլ չէր բերի, եթե անազնիվ լիներ։ Այդ հարյուր հիսուն ռուբլին տրվել է Չեբարովին, որպես իշխանի մոտ գնալու ճանապարհածախս։ Ավելի շուտ ծիծաղեցեք մեր անճարպիկության վրա, գործեր վարելու մեր անգիտության վրա։ Դուք առանց այն էլ բոլոր ուժերով ջանացիք մեզ ծիծաղելի դարձնել. բայց չհամարձակվեք ասել, թե մենք անազնիվ ենք։ Այդ հարյուր հիսուն ռուբլին, ողորմած տեր, մենք բոլորս միասին կմուծենք իշխանին։ Մենք թեկուզ մեկական ռուբլով լինի, կվերադարձնենք և կվերադարձնենք տոկոսներով։ Բուրդովսկին աղքատ է, Բուրդովսկին միլիոններ չունի, իսկ Չեբարովը ճանապարհորդությունից հետո հաշիվ ներկայացրեց։ Մենք հույս ունեինք գործը շահել... նրա փոխարեն ո՞վ կվարվեր ուբիշ կերպ։

— Ինչպե՞ս թե՝ ով,— բացականչեց իշխան Շչ֊ն։

— Ես այստեղ կխելագարվեմ,— աղաղակեց Լիզավետա Պրոկոֆևնան։

— Դա հիշեցնում է,— ծիծաղեց Եվգենի Պավլովիչը, որը երկար Ժամանակ կանգնել և դիտում էր,― վերջերս եղած մի փաստաբանի հանրահայտ պաշտպանությունը, որը որպես արդարացում ցուցադրելով կողոպտելու նպատակով միանգամից վեց մարդ սպանած իր կլիենտի աղքատությունը, հանկարծ եզրակացրեց այդպես․ «Բնական է, ասում է, որ աղքատության պատճառով իմ կլիենտի մտքով անցել է կատարել վեց հոգու այդ սպանությունը, և նրա տեղը ո՞վ լիներ, որ մտքովը չանցներ դա»։ Ինչ-որ դրա պես մի բան, միայն թե շատ զվարճալի։

— Բավակա՛ն է,— հանկարծ ազդարարեց Լիզավետա Պրոկոֆևնան, համարյա դողալով ցասումից,— ժամանակն է վերջ տալու այս ցնդաբանությանը...

Նա սարսափելի գրգռված էր, նա սպառնագին ետ գցեց գլուխը և գոռոզ, բորբոքված ու անհամբեր մարտահրավերով իր փայլատակող հայացքը հածեց ամբողջ խմբի վրա, հազիվ թե այդ րոպեին տարբերելով բարեկամներին թշնամիներից։ Դա երկար զսպած, բայց վերջապես պայթած ցասման այն կետն էր, երբ գլխավոր մղումը դառնում է անհապաղ պայքարը, շուտով որևէ մեկի վրա հարձակվելու անհապաղ պահանջը։ Լիզավետա Պրոկոֆևնային ճանաչողները անմիջապես զգացին, որ նրա մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կատարվեց։ Իվան Ֆյոդորովիչը հենց հաջորդ օրն ասում էր իշխան Շչ-ին, որ «նրան այդ պատահում է, բայց այդ աստիճան, ինչպես երեկ, նույնիսկ նրան հազվադեպ է պատահում, այսպես մի երեք տարին մի անգամ, բայց բնավ դրանից ոչ ավելի հաճախակի։ Բնավ ոչ ավելի հաճախակի»,― ավելացրեց նա համոզիչ կերպով։

— Բավական է, Իվան Ֆյոդորովիչ։ Թողեք ինձ,― բացականչեց Լիզավետա Պրոկոֆևնան,― ի՞նչ եք հիմա ինձ ձեր թևն առաջարկում։ Չկարողացաք քիչ առաջ դուրս տանել, դուք ամուսին եք, դուք ընտանիքի գլուխ եք, դուք պետք է ինձ, հիմարիս, ականջիցս բռնած դուրս տանեիք, եթե ես ձեզ չլսեի և դուրս չգայի։ Գոնե աղջիկներիդ համար հոգ տանեիք։ Իսկ հիմա առանց ձեզ էլ ճանապարհը կգտնենք, մի ամբողջ տարվա համար հերիք է այս ամոթը․․․ Սպասեցեք, ես դեռ իշխանին ուզում եմ շնորհակալություն հայտնել․․․ Շնորհակալություն, իշխան, հյուրասիրության համար։ Իսկ ես իմ խելքով նստեցի երիտասարդներին ականջ դնելու... Սա ստորություն է, ստորություն։ Սա քաոս է, խայտառակություն, այսպիսի բան երազում էլ չես տեսնի։ Բայց մի՞թե այսպիսի, սրանց նմանները շատ են... Լռիր, Ագլայա։ Լռիր, Ալեքսանդրա։ Ձեր զործը չէ... Պտույտ մի եկեք շուրջս, Եվզենի Պավլովիչ, ձանձրացրիք ինձ... Ուրեմն, մի բան էլ դեռ դո՜ւ ես նրանցից ներողություն խնդրում, սիրելիս,— վրա բերեց նա կրկին, դառնալով դեպի իշխանը,— «մեղավոր եմ, այսինքն, որ համարձակվեցի ձեզ կապիտալ առաջարկել»․․․ իսկ դո՞ւ ինչ ես բարեհաճում ծիծաղել, պոռոտախոս,— հանկարծ հարձակվեց նա Լեբեդևի քրոջորդու վրա,— «մենք, իբր, կապիտալից հրաժարվում ենք, մենք պահանջո՜ւմ ենք, և ոչ թե խնդրում»։ Կարծես թե հաստատ չգիտի, որ այս ապուշը հենց վաղը նորից քարշ կգա նրանց մոտ իր բարեկամությունն ու կապիտալը առաջարկելու նրանց։ Չէ՞ որ կգնաս։ Կգնա՞ս, թե ոչ։

— Կգնամ,— ցածր ու հլու ձայնով ասաց իշխանը։

— Լսեցի՞ք։ Ախր հույսդ հենց դրա վրա էլ դրել ես,— նորից շուռ եկավ նա դեպի Դոկտորենկոն,— ախր մեկ է, թե փողն արդեն գրպանումդ է, դրա համար էլ հիմա պոռոտախոսում ես, որ աչքերիս թող փչես․․․ Չէ՜, աղավնյակս, ուրիշ հիմարների գտիր, իսկ ես ձեզ տակետակ տեսնում եմ... Ձեր ամբողջ խաղը տեսնում եմ։

— Լիզավետա Պրոկո՜ֆևնա,— բացականչեց իշխանը։

— Գնանք այստեղից, Լիզավետա Պրոկոֆևնա, վաղուց ժամանակն է, և իշխանին էլ տանենք հետներս,— որքան կարելի է հանգիստ և ժպտալով ասաց իշխան Շչ-ն։

Աղջիկները կանգնել էին մեկուսի գրեթե վախեցած, գեներալը իսկապես վախեցած էր․ առհասարակ բոլորը զարմանք էին կտրել։ Մի քանիսը, որոնք ավելի հեռու էին կանգնած, թաքուն քմծիծաղ էին տալիս և իրար հետ քչփչում. Լեբեդևի դեմքն արտահայտում էր ցնծության վերջին աստիճանը։

— Խայտառակություն և քաոս ամեն տեղ կգտնես, տիրուհի,— նշանակալից, սակայն մտահոգված ասաց Լեբեդևի քրոջորդին։

— Բայց ոչ այսպիսի։ Ոչ այսպիսի, ախպերս, ինչպես հիմա ձեզ մոտ, ո՛չ այսպիսի,— չարախնդությամբ, ասես հիստերիկայի մեջ, վրա բերեց Լիզավետա Պրոկոֆևնան։— Հանգիստ թողնելո՞ւ եք ինձ,— բղավեց նա իրեն համոզողների վրա,— չէ, եթե արդեն նույնիսկ դուք ինքներդ հիմա հայտարարեցիք, Եվգենի Պավլովիչ, որ նույնիսկ պաշտպանը դատարանում հայտարարեց, որ ավելի բնական ոչինչ չկա, քան աղքատության պատճառով վեց հոգի սպանելը, ապա իսկապես որ վերջին ժամանակներն են վրա հասել։ Դա ես դեռ չէի լսել։ Հիմա ինձ համար ամեն ինչ բացատրվեց։ Դե ահա այս թլվատը, մի՞թե սա չի մորթի (նա ցույց տվեց արտակարգ տարակուսանքով նրան նայող Բուրդովսկուն)։ Գրազ կգամ, որ կմորթի։ Նա քո փողը, տասը հազարը, գուցե և չի վերցնի, գուցե և խղճի մտոք չի վերցնի, իսկ գիշերը կգա և կմորթի, և փողը տուփի միջից կհանի։ Խղճի մտոք կանի։ Դա նրա կարծիքով անազնիվ չի։ Դա «ազնիվ հուսահատության պոռթկում» է, դա «բացասում» է» կամ էլ սատանան գիտի, թե ինչ... Թո՛ւհ, ամեն ինչ թարս շուռ տված, բոլորը սկսել են գլխիվայր ման գալ։ Աղջիկ է մեծանում տան մեջ, հանկարծ փողոցի մեջտեղը թը՜ռ կառքին. «Մայրիկ, ես օրերս այսինչ Կառլիչի կամ Իվանիչի հետ ամուսնացել եմ, մնաք բարո՜վ»։ Ուրեմն ձեր կարծիքով լա՞վ է այդպես վարվելը։ Հարգանքի՞ է արժանի, բնակա՞ն է։ Կանանց հա՞րց է։ Ահա այս անպիտան տղան (նա ցույց տվեց Կոլյային), նույնիսկ սա նորերս վիճում էր, թե դա հենց նշանակում է «կանանց հարց»։ Ասենք թե մայրը հիմար է եղել, բայց, համենայն դեպս, դու մարդ եղիր նրա նկատմամբ... Ինչո՞ւ քիչ առաջ գլուխներդ ցցած ներս մտաք։ «Չհամարձակվեք մոտենալ», մենք ենք գալիս։ «Մեզ բոլոր իրավունքները հրամցրու, իսկ դու նույնիսկ ծպտուն հանել չհամարձակվես մեր առաջ։ Մեզ բոլոր հարգանքները մատուցիր, ինչպիսիք նույնիսկ չեն էլ լինում, իսկ մենք քեզ կարհամարհենք ավելի վատ, քան վերջին լակեյին»։

Ճշմարտություն են որոնում, իրավունքի կողմն են կանգած, իսկ իրենք անօրենների պես զրպարտել են նրան հոդվածում։ «Պահանջո՛ւմ ենք, և ոչ թե խնդրո՜ւմ, և մեզնից ոչ մի շնորհակալություն չեք լսի, որովհետև դուք ձեր սեփական խղճի բավարարման համա՜ր եք անում»։ Այ քեզ բարոյախոսություն, բայց ախր եթե քեզնից ոչ մի շնորհակալություն չի լինի, ապա չէ՞ որ իշխանն էլ կարող է ասել քեզ ի պատասխան, որ նա դեպի Պավլիշչևը ոչ մի շնորհակալություն չի զզում, որովհետև Պավլիշչևն էլ բարի գործ անում էր սեէիական խղճի բավարարման համար։ Բայց չէ՞ որ դու հույսդ դրել ես միայն դեպի Պավլիշչևն ունեցած նրա շնորհակալության վրա. չէ՞ որ քեզնից չէր փող պարտք վերցրել, քեզ չի պարտք, հապա հույսդ ինչի՞ վրա էիր դրել, եթե ոչ շնորհակալութչան։ Ուրեմն ինչպե՞ս ես ինքդ հրաժարվում որանից։ Խելագարնե՜ր։ Հասարակությունը վայրենի և անմարդկային են համարում նրա համար, որ նա անարգում է գայթակղեցրած աղջկան։ Բայց եթե անմարդկային ես համարում հասարակությանը, նշանակում է, ընդունում ես, որ այդ հասարակությունը այդ աղջկան ցավ է պատճառում։ Իսկ եթե ցավ է պատճառում, հապա էլ ինչպե՞ս ես դու ինքդ նրան այդ հասարակության առաջ հանդես բերում թերթերում և պահանջում, որ ցավ չպատճառի նրան։ Խելագարնե՜ր։ Սնափառնե՜ր։ Աստծուն չեն հավատում, Քրիստոսին չեն հավատում։ Ախր սնափառությունն ու հպարտությունն այն աստիճան են կերել ձեզ, որ նրանով կվերջանա, որ իրար կուտեք, այդ կանխագուշակում եմ ձեզ համար։ Եվ խառնաշփոթություն չէ՞ սա, քաոս չէ՞, խայտառակություն չէ՞ սա։ Եվ դրանից հետո այս անամոթը դեռ խցկվում է նրանից ներողություն խնդրելու։ Շա՞տ եք այդպիսիներդ։ Ի՞նչ եք ծիծաղում. որ ես ինձ խայտառակեցի՞ ձեզ հետ։ Բայց ախր արդեն խայտառակվեցի, ախր այլևս հնար չկա... Իսկ դու մի՛ ծիծաղիր, աղտոտող (հարձակվեց նա հանկարծ Իպոլիտի վրա), ինքը հազիվ է շնչում, բայց ուրիշներին է այլասերում։ Դու ես փչացրել այս անպիտան տղային (նա նորից ցույց տվեց Կոլյային). նա միայն քո մասին է զառանցում, դու ես նրան աթեիզմ սովորեցնում, դու աստծուն չես հավատում, իսկ քեզ դեռ ձաղկել կարելի է, ողորմած պարոն, բայց թո՛ւհ ձեզ հետ... Ուրեմն կգնա՞ս, իշխան Լև Նիկոլաևիչ, վաղը նրանց մոտ կգնա՞ս,— նորից հարցրեց նա իշխանին, համարյա շնչահեղձ լինելով։

— Կգնամ։

— Որ այդպես է, քեզ ճանաչել չեմ ուզում սրանից հետո։— Նա արագ շուռ եկավ, որ գնա, բայց հանկարծ նորից վերադարձավ։— Այս աթեիստի մո՞տ էլ կգնաս,— ցույց տվեց նա Իպոլիտին։— Ի՞նչ ես վրաս ծիծաղում,— մի տեսակ անբնական ճչաց նա և հանկարծ նետվեց դեպի Իպոլիտը, չդիմանալով նրա կծու քմծիծաղին։

— Լիզավետա Պրոկո՜ֆևնա։ Լիզավետա Պրոկո՜ֆևնա։ Լիզավետա Պրոկո՜ֆևնա,— միանգամից լսվեց բոլոր կողմերից։

— Maman, դա ամոթ է,— բարձրաձայն ճչաց Ագլայան։

— Մի անհանգստացեք, Ագլայա Իվանովնա,— հանգիստ պատասխանում էր Իպոլիտը, որի ձեռքից պինդ բռնել ու չգիտես ինչու պահել էր մոտ թռած Լիզավետա Պրոկոֆևնան. նա կանգնել էր Իպոլիտի առաջ և կարծես կատաղի հայացքը մխրճել նրա մեջ,— մի անհանգստացեք, ձեր maman֊ն ուշադիր կնայի և կտեսնի, որ չի կարելի հարձակվել մեռնող մարդու վրա... Ես պատրաստ եմ պարզաբանելու, թե ինչու էի ծիծաղում... շատ ուրախ կլինեմ, եթե թույլ տրվի...

Այստեղ նա հանկարծ սկսեց սարսափելի հազալ և մի ամբողջ րոպե չէր կարողանում հազը կտրել։

— Ախր մեռնում է, բայց դեռ հռետորությո՜ւն է անում,— բացականչեց Լիզավետա Պրոկոֆևնան, բաց թողնելով նրա ձեռքը և համարյա սարսափած նայելով, թե նա ինչպես է շրթունքներից արյունը սրբում,— դու խոսելու ճա՞ր ունես։ Քեզ պետք է ուղղակի գնալ ու պառկել։

— Այդպես էլ կլինի,— կամաց, խռպոտ և համարյա շշուկով պատասխանեց Իպոլիտը,— ես, հենց որ վերադառնամ այսօր, անմիջապես կպառկեմ... երկու շաբաթից հետո, ինչպես ինձ հայտնի է, ես կմեռնեմ... Անցած շաբաթ Բ֊նն՝ ինքն ինձ հայտնեց։ Ուրեմն եթե թույլ կտաք, ես հրաժեշտի երկու խոսք կասեի ձեզ։

— Դու խելագարվե՞լ ես, ինչ էt։ Հիմարություն։ Բուժվել է պետք, հիմա ի՞նչ խոսակցություն։ Գնա, գնա պառկիր․․․— վախեցած գոչեց Լիզավետա Պրոկոֆևնան։

— Պառկեմ, բայց ախր այլևս վեր չեմ կենա մինչև մահս,— ժպտաց Իպոլիտը,— ես արդեն երեկ ուզեցա այնպես պառկել, որ արդեն մինչև մահս վեր չկենամ, բայց որոշեցի հետաձգել մինչև վաղը չէ մյուս օրը, քանի դեռ ոտներս շարժվում են... որպեսզի ահա սրանց հետ այսօր այստեղ գայի... միայն թե արդեն շատ հոգնեցի...

— Նստիր, նստիր, ի՞նչ ես կանգնել։ Ահա քեզ աթոռ,— նետվեց Լիզավետա Պրոկոֆևնան և ինքը աթոռը դրեց նրա տակ։

— Շնորհակալ եմ,— կամացուկ շարունակեց Իպոլիտը,— իսկ դուք նստեցեք դեմս, և ահա կխոսենք... մենք անպայման պիտի խոսենք, Լիզավետա Պրոկոֆևնա, հիմա ես արդեն պնդում եմ այդ...— նորից Ժպտաց նա։— Մտածեցեք, որ այսօր վերջին անգամն եմ ես բաց օդում և մարդկանց հետ, իսկ երկու շաբաթ հետո հավանաբար հողում կլինեմ։ Նշանակում է, սա հրաժեշտի պես մի բան կլինի թե մարդկանց, թե բնության հետ։ Ես թեև շատ զգայուն չեմ, բայց շատ ուրախ եմ, որ այս ամենը այստեղ Պավլովսկում պատահեց․ համենայն դեպս, գոնե սաղարթապատ ծառին կնայես։

— Հիմա ի՞նչ խոսակցության ժամանակ է,— ավելի ու ավելի էր վախենում Լիզավետա Պրոկոֆևնան,— դու ամբողջովին տենդի մեջ ես։ Քիչ առաջ ճղճղում ու ծվծվում էիր, իսկ հիմա հազիվ ես շունչդ ետ բերում, շունչդ կտրվել է։

— Հիմա կհանգստանամ։ Ինչո՞ւ եք ուզում մերժել իմ վերջին ցանկությունը։ Իսկ գիտե՞ք արդյոք, որ ես արդեն վաղուց էի երազում մի անգամ հանդիպել ձեզ, Լիզավետա Պրոկոֆևնա, ես ձեր մասին շատ եմ լսել․․․ Կոլյայից. ախր համարյա մենակ նա է, որ ինձ չի լքում... Դուք յուրօրինակ կին եք, էքսցենտրիկ կին եք, ես ինքս էլ հիմա տեսա.... Գիտե՞ք արդյոք, որ ես նույնիսկ մի քիչ սիրում էի ձեզ։

— Տեր աստված, իսկ ես քիչ մնաց նրան խփեի, իսկապես։

— Ձեզ ետ պահեց Ագլայա Իվանովնան. ես չեմ սխալվում, այնպես չէ՞։ Սա ձեր աղջիկը՝ Ագլայա Իվանովնան է, այնպես չէ՞։ Նա այնքան գեղեցիկ է, որ քիչ առաջ ես առաջին հայացքից կռահեցի նրա ով լինելը, թեև երբեք չէի տեսել։ Թույլ տվեք ինձ գոնե կյանքումս վերջին անգամ գեղեցկուհու երեսին նայել,— ինչ֊որ ամաչկոտ ծուռ ժպիտով ժպտաց Իպոլիտը,— ահա իշխանն էլ այստեղ է, ձեր ամուսինն էլ, և ամբողջ խումբը։ Ինչո՞ւ եք մերժում իմ վերջին ցանկությունը։

— Աթո՛ռ,— բղավեց Լիզավետա Պրոկոֆևնան, բայց ինքը վերցրեց ու նստեց Իպոլիտի դիմաց։— Կոլյա,— հրամայեց նա,— անմիջապես կճանապարհվես նրա հետ, ուղեկցիր նրան, իսկ վաղն անպայման ես ինքս...

— Եթե թույլ տայիք, իշխանից մի գավաթ թեյ կխնդրեի... ես շատ հոգնեցի։ Գիտե՞ք ինչ, Լիզավետա Պրոկոֆևնա, կարծեմ, դուք ուզում էիք իշխանին ձեզ մոտ տանել թեյ խմելու. մնացեք այստեղ, միասին անցկացնենք ժամանակը, իսկ իշխանը հավանաբար մեզ բոլորիս թեյ կտա։ Ներեցեք, որ ես այսպես կարգադրություններ եմ անում... Բայց չէ՞ որ ես ձեզ գիտեմ, դուք բարի եք, իշխանը նույնպես... Դուք բոլորդ կոմիզմի աստիճան բարի մարդիկ եք...

Իշխանն իրար անցավ, Լեբեդևը շատ արագ դուրս նետվեց սենյակից, նրա հետևից վազեց Վերան։

— Ճիշտ էլ որ,— կտրուկ որոշեց գեներալի կինը,— խոսիր, միայն թե կամաց, և մի ժպտա։ Խղճահարեցրիր ինձ... Իշխան, դու արժանի չէիր, որ քեզ մոտ թեյ խմեի, բայց թող այդպես լինի, մնում եմ, թեև ոչ ոքից ներողություն չեմ խնդրում։ Ոչ ոքից։ Հիմարություն... Ասենք, եթե քեզ նախատեցի, իշխան, ներիր, ի դեպ, եթե ուզում ես։ Ասենք, ես ոչ ոքի չեմ պահում,— անսովոր զայրույթի արտահայտությամբ դարձավ նա հանկարծ ամուսնուն ու աղջիկներին, կարծես թե հենց նրանք էին ինչ-որ բանում սաստիկ մեղավոր նրա առաջ,— ես մենակ էլ կարող եմ տուն հասնել։

Բայց նրան ժամանակ չտվին խոսքն ավարտելու։ Բոլորը մոտեցան և պատրաստակամությամբ շրջապատեցին նրան։ Իշխանն անմիջապես սկսեց խնդրել բոլորին, որ մնան թեյ խմելու և ներեն նրան, որ մինչև հիմա դա իր մտքով չէր անցել։ Նույնիսկ գեներալն այնքան սիրալիր եղավ, որ հանգստացուցիչ մի բան փնթփնթաց և սիրալիր հարցրեց Լիզավետա Պրոկոֆենային. «Բայց նրա համար ցուրտ չէ՞ պատշգամբում»։ Նույնիսկ քիչ մնաց Իպոլիտին հարցներ. «Վաղո՞ւց է նա համալսարանում», բայց չհարցրեց։ Եվգենի Պավլովիչը և իշխան Շչ-ն հանկարծ դարձան չափազանց սիրալիր և ուրախ, Ադելաիդայի և Ալեքսանդրայի դեմքերին, շարունակվող զարմանքի միջից, երևում էր նույնիսկ գոհունակություն, մի խոսքով, ըստ երևույթին բոլորը գոհ էին, որ Լիզավետա Պրոկոֆևնայի ճգնաժամն անցավ։ Միայն Ագլայան էր խոժոռված և լուռ նստեց հեռվում։ Մնաց նաև ամբողջ մնացած հասարակությունը, ոչ ոք չէր ուզում գնալ, նույնիսկ գեներալ Իվոլգինը, որին Լեբեդևը, ի միջի այլոց, մի բան շշնջաց կողքից անցնելիս, հավանաբար ոչ այնքան հաճելի բան, որովհետև գեներալը անմիջապես ետ քաշվեց մի անկյուն։ Իշխանը հրավերով մոտենում էր նաև Բուրդովսկուն և նրա խմբին, ոչ ոքի չանտեսելով։ Նրանք ձգված տեսքով մրթմրթացին, որ կսպասեն Իպոլիտին և անմիջապես հեռացան պատշգամբի ամենահեռավոր անկյունը, որտեղ և նստեցին դարձյալ բոլորը միասին։ Հավանաբար Լեբեդևը արդեն վաղուց թեյը պատրաստել էր իր համար, որովհետև անմիջապես հայտնվեց։ Խփեց ժամը տասնմեկը։


X

Իպոլիտը շրթունքները թրջեց Վերա Լեբեդևայի մատուցած թեյի գավաթում, գավաթը դրեց փոքրիկ սեղանին և հանկարծ, կարծես ամաչելով, գրեթե շփոթված նայեց շուրջը։

— Տեսեք, Լիզավետա Պրոկոֆևնա, այս գավաթները,— մի տեսակ արտասովոր իրար անցավ նա,― այս ճենապակե գավաթները, և, կարծեմ, հրաշալի ճենապակե, Լեբեդևը միշտ պահում է շիֆոներկայի մեջ՝ ապակու տակ փակած, երբեք չեն մատուցվում... ինչպես ընդունված է, սա նրա կինն է հետը օժիտ բերել... նրանց մոտ այդպես է ընդունված... և ահա նա սրանք մատուցեց ի պատիվ ձեզ, հասկանալի է, այնքան ուրախացել է, որ...

Նա ուզում էր էլի ինչ֊որ բան ավելացնել, բայց խոսք չգտավ։

— Այնուամենայնիվ շփոթվեց, ես այդպես էլ սպասում էի,— հանկարծ իշխանի ականջին շշնջաց Եվգենի Պ ավլովիչը։— Բայց դա վտանգավոր է, չէ՞։ Ամենաճիշտ նշանն է, որ հիմա, չարությունից, մի այնպիսի արտառոց բան կանի, որ նույնիսկ Լիզավետա Պրոկոֆևնան չի դիմանա։

Իշխանը հարցական նայեց նրան։

― Դուք արտառոց բաներից չե՞ք վախենում,— ավելացրեց Եվգենի Պավլովիչը։— Ես էլ նույնպես, նույնիսկ ցանկանում եմ․ իսկապես ասած, ես ուզում եմ նրա համար միայն, որ մեր սիրելի Լիզավետա Պրոկոֆևնան պատժվի, և անպայման հենց այսօր, հենց հիմա, առանց այդ նույնիսկ գնալ չեմ ուզում։ Դուք, կարծես, տենդ ունեք։

— Հետո, մի խանգարեք։ Այո, ես տկար եմ,— մտացրիվ և նույնիսկ անհամբեր պատասխանեց իշխանը։ Նա լսել էր իր անունը։ Իպոլիտը խոսում էր նրա մասին։

— Դուք չե՞ք հավատում,— հիստերիկ ծիծաղում էր Իպոլիտը,— այդպես էլ պետք է լինի, իսկ իշխանը միանգամից կհավատա և ամենևին չի զարմանա։

— Լսո՞ւմ ես, իշխան,— դեպի նա շրջվեց Լիզավետա Պրոկոֆևնան,— լսո՞ւմ ես։

Բոլորը ծիծաղում էին։ Լեբեդևն իրար անցած առաջ էր ընկնում և պտույտ էր գալիս ուղղակի Լիզավետա Պրոկոֆևնայի առջև։

— Նա ասում է, որ ահա այս կոտրատվանը՝ քո տանտերն է ուղղել... այն պարոնի հոդվածը, այ որ քիչ առաջ քո մասին կարդացին։

Իշխանը զարմանքով նայեց Լեբեդևին։

— Ի՞նչ ես լռել,— նույնիսկ ոտքը դոփեց Լիզավետա Պրոկոֆևնան։

— Ի՞նչ ասեմ,— քրթմնջաց իշխանը,— շարունակելով ուշադիր դիտել Լեբեդևին,— ես արդեն տեսնում եմ, որ նա է ուղղել։

— Ճի՞շտ է,— արագ շրջվեց Լիզավետա Պրոկոֆևնան դեպի Լեբեդևը։

— Միանգամայն ճիշտ, ձերդ գերազանցություն,— հաստատ ու անվարան պատասխանեց Լեբեդևը, ձեռքը սրտին դնելով։

— Կարծես պարծենում էլ է,― քիչ մնաց աթոռից վեր թռչեր Լիզավետա Պրոկոֆևնան։

— Ստոր եմ, ստոր եմ,— մրթմրթաց Լեբեդևը, կուրծքը ծեծելով և ավելի ու ավելի ցած կախելով գլուխը։

— Ինձ ի՞նչ, որ ստոր ես։ Նա կարծում է, որ եթե ասի՝ ստոր եմ, դրանով դուրս կպրծնի։ Եվ ամոթ չէ՞ քեզ, իշխան, այսպիսի մարդուկների հետ գործ ունենալ, մի անգամ էլ եմ ասում։ Երբեք չեմ ների քեզ։

— Ինձ կների իշխանը,— համոզված ու սրտաշարժված ասաց Լեբեդևը։

— Սոսկ ազնվությունից,— բարձր ու զրնգուն հանկարծ խոսել սկսեց Կելլերը՝ մոտ թռչելով և դիմելով ուղղակի Լիզավետա Պրոկոֆևնային,— սոսկ ազնվությունից, տիկին, և որպեսզի չմատնեմ անվանարկված բարեկամիս, ես քիչ առաջ թաքցրեցի ուղղումների մասին, չնայած որ հենց ինքն էր առաջարկում մեզ վռնդել, ինչպես ինքներդ բարեհաճեցիք լսել։ Ճշմարտությունը վերականգնելու համար խոստովանում եմ, որ ես ինքս դիմել եմ նրան, որպես տեղյակ մարդու, վեց ռուբլով, բայց բոլորովին ոչ ոճի, այլ իսկն ասած, մեծ մասամբ, ինձ անհայտ փաստերն իմանալու համար։ Շտիբլետների մասին, շվեյցարացի պրոֆեսորի մոտ եղած ժամանակ նրա ախորժակի մասին, հիսուն ռուբլու մասին երկու հարյուր հիսունի փոխարեն, մի խոսքով, այդ ամբողջ խմբավորումը, այդ ամենը պատկանում է նրան, վեց ռուբլու դիմաց, բայց ոճը չեն ուղղել։

— Ես պետք է նկատեմ,— տենդոտ անհամբերությամբ և մի տեսակ սողուն տոնով ընդհատեց նրան Լեբեդևը, ավելի ու ավելի տարածվող ծիծաղի ներքո,— որ ես ուղղել եմ հոդվածի միայն առաջին մասը, բայց քանի որ մեջտեղում համաձայնության չեկանք և մի մտքի առթիվ գժտվեցինք, ապա ես երկրորդ կեսը այլևս չուղղեցի, այնպես որ, այնտեղ ինչ որ անգրագետ է (իսկ այնտեղ անգրագետ է), այդ ինձ չպետք է վերագրել։

— Այ թե ինչի մասին է հոգում նա,— բացականչեց Լիզավետա Պրոկոֆևնան։ .

— Թույլ տվեք հարցնել,— դիմեց Եվգենի Պավլովիչը Կելլերին,— ե՞րբ եք ուղղել հոդվածը։

— Երեկ առավոտյան,— միապաղաղ ու անարտահայտիչ ասաց Կելլերը,— մենք տեսակցություն ունեցանք, ազնիվ խոսք տալով իրար՝ գաղտնիքը պահել երկու կողմից էլ։

— Այսինքն՝ այն ժամանակ, երբ նա սողում էր քո առաջ և քեզ համոզում իր անձնվիրությունը։ Ա՜յ թե մարդուկներ են։ Ինձ պետք չի քո Պուշկինը, և աղջիկդ էլ թող ինձ մոտ չերևա։

Լիզավետա Պրոկոֆևնան ուզեց վեր կենալ, բայց հանկարծ գրգռված դիմեց ծիծաղող Իպոլիտին։

— Ի՞նչ է, սիրելիս, մտքումդ դրել էիր ինձ ծաղրի առարկա՞ դարձնել այստեղ։

— Աստվա՜ծ չանի,— ծուռ ժպտաց Իպոլիտը,— բայց ինձ ամենից ավելի զարմացնում է ձեր արտակարգ տարօրինակությունը, Լիզավետա Պրոկոֆևնա. խոստովանում եմ, ես դիտմամբ խոսք բացեցի Լեբեդևի մասին, ես գիտեի, թե ինչպես կազդի ձեզ վրա, միայն ձեզ վրա, որովհետև իշխանն իրոք կների և հավանաբար արդեն ներել է... նույնիսկ, գուցե, մտքում ներումն է գտել. ախր այդպես է, ճիշտ չէ՞, իշխան։

Նա շնչահեղձ էր լինում, նրա տարօրինակ հուզմունքն աճում էր արտասանած ամեն մի բառի հետ։

— Հետո՞,— ցասկոտ ասաց Լիզավետա Պրոկոֆևնան, զարմանալով նրա խոսելաձևից,— հետո՞։

— Ձեր մասին ես արդեն շատ եմ լսել, նույն ոգով․․․ մեծ ուրախությամբ․․․ սովորել եմ չափազանց հարգել ձեզ,— շարունակեց Իպոլիտը։

Նա ասում էր մի բան, բայց կարծես իր այդ խոսքերով ուզում էր բոլորովին այլ բան ասել։ Խոսում էր ծաղրի երանգով և միաժամանակ հուզվում էր չափից ավելի, կասկածամտորեն նայում շուրջը, ըստ երևույթին շփոթվում և իրեն կորցնում էր ամեն մի խոսքի հետ, այնպես որ այդ ամենը, նրա հյուծախտավոր տեսքի և տարօրինակ, փայլատակող և կարծես թե մոլեգնած հայացքի հետ, ակամա շարունակում էր իր վրա ուշադրություն գրավել։

— Ես կզարմանայի, ի դեպ, բոլորովին ծանոթ չլինելով բարձր հասարակությանը (ես այդ խոստովանում եմ), որ ոչ միայն դուք ինքներդ մնացիք մեր քիչ առաջվա կամպանիայի ներկայությամբ, որը ձեզ համար անվայելուչ էր, այլև թողիք այս... օրիորդներին ունկնդրելու մի խայտառակ գործի, չնայած նրանք արդեն ամեն ինչ կարդացել են վեպերում։ Ես, ասենք, գուցե և չգիտեմ... որովհետև շփոթվում եմ, բայց համենայն դեպս, բացի ձեզանից ո՞վ կարող էր մնալ... մի տղեկի խնդրանքով (այո, տղեկի, ես նորից խոստովանում եմ), նրա հետ երեկոն անցկացնելու և... ամեն ինչին մասնակից լինելու... որպեսզի հաջորդ օրը ամոթ զգա․․․ (ես, ասենք, համաձայն եմ, որ այնպես չեմ արտահայտվում), ես այդ ամենը չափազանց գովում և խորապես հարգում եմ, թեև արդեն նորին գերազանցության՝ ձեր ամուսնու միայն դեմքից երևում է, թե որքան տհաճ է այս ամենը նրա համար... Հի՛֊հի՛,— քրքջաց նա, բոլորովին խճճվելով, և հանկարծ սկսեց այնպես հազալ, որ մոտ երկու րոպե չէր կարողանում շարունակել խոսքը։

― Նույնիսկ շունչը կտրվեց,— սառն ու կտրուկ արտասանեց Լիզավետա Պրոկոֆևնան, խստաշունչ հետաքրքրությամբ դիտելով նրան.— գե, սիրելի տղեկ, հերիք է քեզ հետ։ Ժամանակն է։

— Թույլ տվեք ինձ, ողորմած պարոն, իմ կողմից նկատել ձեզ,— հանկարծ գրգռված խոսել սկսեց Իվան Ֆյոդորովիչը, որը կորցրել էր վերջին համբերությունը,— որ իմ կինը այստեղ մեր ընդհանուրի բարեկամ և հարևան իշխան Լև Նիկոլաևիչի տանն է գտնվում, և, որ, համենայն դեպս, երիտասարդ, դուք չէ, որ պիտի դատեք Լիզավետա Պրոկոֆևնայի արարքների մասին, ինչպես նաև բարձրաձայն և երեսիս ասեց, թե ինչ է արտահայտում իմ դեմքը։ Այո-ո։ Եվ եթե իմ կինը մնաց այստեղ,— շարունակում էր նա ավելի ու ավելի գրգովելով դրեթե ամեն մի խոսքից,— ապա ավելի շուտ, պարոն, զարմանքից և տարօրինակ երիտասարդներին տեսնելու բոլորի համար հասկանալի՝ ժամանակակից հետաքրքրասիրությունից։ Ես ինքս էլ մնացի, ինչպես երբեմն կանգ եմ առնում փողոցում, երբ տեսնում եմ որևէ բան, որին կարելի է նայել ինչպես... ինչպես... ինչպես...

— Ինչպես հազվագյուտ բանի,— հուշեց Եվգենի Պավլովիչը։

— Հիանալի է և ուղիղ,— ուրախացավ նորին գերազանցությունը, որը մի քիչ խճճվել էր համեմատության մեջ,— հենց ինչպես հազվագյուտ բանի։ Բայց համենայն դեպս ինձ համար ամենից զարմանալին և նույնիսկ վշտացնելին, եթե միայն քերականորեն կարելի է այսպես արտահայտվել, այն է, որ դուք, երիտասարդ, նույնիսկ այն չկարողացանք հասկանալ, որ Լիզավետա Պրոկոֆևնան հիմա ձեզ հետ մնաց նրա համար, որ դուք հիվանդ եք,— եթե միայն իրոք որ դուք մեռնում եք,— այսպես ասած, կարեկցությունից, ձեր խղճալի խոսքերի համար, պարոն, և որ ոչ մի կեղտ ոչ մի դեպքում չի կարող կպչել նրա անվանը, հատկություններին և ունեցած նշանակությանը․․․ Լիզավետա Պրոկոֆևնա,— եզրափակեց կարմրատակած գեներալը,— եթե ուզում ես գնալ, հրաժեշտ տանք մեր բարի իշխանին և․․․

— Շնորհակալ եմ ձեզնից դասի համար, գեներալ,— լուրջ և անսպասելի ընդմիջեց Իպոլիտը, մտախոհ նայելով նրան։

— Դե գնանք, maman, սա դեռ երկա՞ր պիտի տևի,— անհամբեր ու ցասկոտ արտասանեց Ագլայան, վեր կենալով աթոռից։

— Եվս երկու րոպե, սիրելի Իվան Ֆյողորովիչ, եթե թույլ կտաս,— արժանապատվությամբ շրջվեց դեպի ամուսինը Լիզավետա Պրոկոֆևնան,— ինձ թվում է, նա ամբողջովին տենդի մեջ է և ուղղակի զառանցում է. ես դրանում համոզված եմ, դատելով աչքերից, նրան այսպես թողնել չի կարելի։ Լև նիկոլաևիչ, կարո՞ղ է նա քեզ մոտ գիշերել, որպեսզի այսօր Պետերբուրգ քարշ չտային նրան։ Cher prince, դուք ձանձրանո՞ւմ եք,— չգիտես ինչու հանկարծ դիմեց նա իշխան Շչ֊ին։― Եկ այստեղ, Ալեքսանդրա, մազերդ ուղղիր, սիրելիս։

Նա ուղղեց աղջկա մազերը, որոնք ուղղելու կարիք չունեին, և համբուրեց նրան. հենց միայն դրա համար էր կանչել։

— Ես ձեզ համարում էի զարգացման ընդունակ...— նորից սկսեց խոսել Իպոլիտը, սթափվելով իր մտախոհությունից։— Հա, ահա թե ինչ էի ուզում ասել,― ուրախացավ նա, կարծես հանկարծ հիշելով,— ահա Բուրդովսկին անկեղծորեն ուզում է պաշտպանել իր մորը, ճիշտ չէ՞։ Բայց այնպես է ստացվում, որ հենց ինքն է խայտառակում։ Ահա իշխանն ուզում է օգնել Բուրդովսկուն, մաքուր սրտով նրան առաջարկում է իր քնքուշ բարեկամությունն ու դրամը և, թերևս, ձեր բոլորիդ մեջ միայն նա է, որ զզվանք չի զգում Բուրդովսկու նկատմամբ, և ահա հենց նրանք էլ իրար դեմ կանգնած են ինչպես իսկական թշնամիներ... Հա՛-հա՛-հա՛։ Դուք բոլորդ Բուրդովսկուն ատում եք նրա համար, որ նա, ձեր կարծիքով, մոր հետ վարվում է տգեղ և ոչ նրբավարի, այդպես է, չէ՞, այդպե՞ս է, այդպե՞ս է։ Ախր դուք բոլորդ անասելի սիրում եք ձևերի գեղեցկությունն ու նրբությունը, միայն դրանց եք պաշտպան կանգնում, ճիշտ չէ՞։ (Ես վաղուց էի կասկածում, որ միայն դրանց)։ Դե, իմացեք ուրեմն, որ թերևս ձեզանից ոչ մեկը այնպես չի սիրել իր մորը, ինչպես Բուրդովսկին։ Դուք, իշխան, ես գիտեմ, որ Գանեչկայի հետ թաքուն փող եք ուղարկել Բուրդովսկու մորը, և ահա, գրազ կգամ (հի՛֊հի՛֊հի՛,— հիստերիկորեն քրքջում էր նա), գրազ կգամ, որ հենց Բուրդովսկին էլ ձեզ կմեղադրի անքաղաքավարի ձևի և իր մոր նկատմամբ անհարգալից լինելու մեջ, աստված վկա, այդպես է, հա՜-հա՜-հա՜։

Այստեղ նա նորից շնչակտուր եղավ և սկսեց հազալ։

— Դե, պրծա՞ր։ Հիմա ամեն ինչ, ամեն ինչ ասացի՞ր։ Դե հիմա գնա քնելու, դու տենդ ունես,― անհամբերությամբ ընդհատեց Լիզավետա Պրոկոֆևնան, որը նրանից չէր կտրում իր անհանգիստ հայացքը։— Ախ, աստված։ Նա դեռ խոսում էլ է։

— Դուք կարծես ծիծաղո՞ւմ եք։ Ի՞նչ եք շարունակ ծիծաղում ինձ վրա։ Ես նկատեցի, որ դուք շարունակ ծիծաղո՞ւմ էիք ինձ վրա,— անհանգիստ ու գրգռված դիմեց նա հանկարծ Եվգենի Պավլովիչին. նա իրոք ծիծաղում էր։

— Ես միայն ուզում էի հարցնել ձեզ, պարոն... Իպոլիտ... ներեցեք, ես մոռացա ձեր ազգանունը։

— Պարոն Տերենտև,— ասաց իշխանը։

— Այո, Տերենտև, շնորհակալություն, իշխան, այն ժամանակ ասացիք, բայց մտքիցս թռավ... ես ուզում էի ձեզ հարցնել, պարոն Տերենտև, արդյոք ճի՞շտ եմ լսել, որ դուք այն կարծիքին եք, որ բավական է քառորդ ժամ լուսամուտի առաջ կանգնած խոսեք ժողովրդի հետ և նա իսկույն ամեն բանում համաձայն կլինի ձեզ հետ և անմիջապես կգն ձեր հետևից։

— Շատ հնարավոր է, որ ասել եմ․․․— պատասխանեց Իպոլիտը, կարծես ինչ֊որ բան մտաբերելով,— անպայման ասել եմ,— ավելացրեց նա հանկարծ, կրկին աշխուժանալով և հաստատուն նայելով Եվգենի Պավյովիչին,— դրանո՞վ ինչ։

― Ոչինչ, ես միայն ի գիտություն, որպեսզի լրացնեմ։

Եվգենի Պավլովիչը լռեց, բայց Իպոլիտը անհամբեր սպասումով դեռ շարունակում էր նրան նայել։

— Դե, վերջացրի՞ր, ինչ է,— դիմեց Լիզավետա Պրոկոֆևնան Եվգենի Պավլովիչին,— շուտ արա, վերջացրու, նրա քնելու ժամանակն է։ Թե՞ չես կարող։ (Նա սոսկալի զայրացած էր)։

— Ես, թերևս, շատ էլ դեմ չեմ ավելացնելու,— ժպտալով շարունակեց Եվգենի Պավլովիչը,— որ այն ամենը, ինչ լսեցի ձեր ընկերներից, պարոն Տերենտև, և այն ամենը, ինչ շարադրեցիք հիմա դուք, և այնպիսի աներկբա տաղանդով, իմ կարծիքով հանգում է իրավունքի հաղթանակման տեսությանը, ամենից առաջ և անկախ ամեն բանից, և նույնիսկ բացառելով մնացյալ ամեն ինչ, և գուցե նույնիսկ նախքան հետաքննելը, թե ինչումն է կայանում իրավունք ասածդ։ Գուցե ես սխալվո՞ւմ եմ։

— Իհարկե սխալվում եք, ես նույնիսկ չեմ հասկանում ձեզ... հետո՞։

Անկյունից նույնպես դժգոհություն լսվեց։ Լեբեդևի ազգականը կիսաձայն ինչ-որ բան փնթփնթաց։

— Դե համարյա ուրիշ ոչինչ,— շարունակեց եվգենի Պավլովիչը,— ես միայն ուզում եմ նկատել, որ դրանից բանը կարող է թռչել ուղղակի ուժի իրավունքին, այսինքն՝ առանձնակի բռունցքի ուժի իրավունքին և անձնական ցանկությանը, ինչով, ի դեպ, շատ հաճախ վերջացել է աշխարհում։ Պրուդոնը կանգ չառա՞վ ուժի իրավունքի վրա։ Ամերիկյան պատերազմի ժամանակ ամենաառաջավոր լիբերալներից շատ շատերը իրենց հայտարարեցին պլանտատորների կողմնակիցներ, այն իմաստով, որ նեգրը նեգր է, սպիտակ ցեղից ստոր, և, ուրեմն, նշանակում է, ուժի իրավունքը սպիտակինն է...

— Է՞։

— Այսինքն, նշանակում է, դուք չե՞ք ժխտում ուժի իրավունքը։

— Հետո՞։

— Դուք ուղղակի կոնսեքվենտ եք. ես կուզենայի միայն նշել, որ ուժի իրավունքից մինչև վագրերի և կոկորդիլոսների իրավունքը և նույնիսկ մինչև Դանիլովը և Գորսկին հեռու չէ։

— Չգիտեմ. հետո՞։

Իպոլիտը հազիվ էր լսում Եվգենի Պավլովիչին, որին եթե ասում էլ էր՝ է՞ և հետո՞, ապա, թվում է, ավելի շուտ խոսելիս առաջուց յուրացրած սովորության համաձայն, և ոչ թե ուշադրությունից և հետաքրքրությունից դրդված։

— Հետո՝ ոչինչ... այսքանը։

— Ասենք, ես ձեզնից չեմ նեղանում,— բոլորովին անսպասելի եզրակացրեց Իպոլիտը և, հազիվ թե գիտակցելով, ձեռքը պարզեց, նույնիսկ ժպտալով։ Եվգենի Պավլովիչը սկզբում զարմացավ, բայց ամենալուրջ տեսքով շոշափեց իրեն պարզած ձեռքը, կարծես թե ընդունելիս լիներ ներումը։

— Չեմ կարող չավելացնել,— ասաց նա նույն երկդիմի հարգալիր տոնով,— իմ շնորհակալությունն այն ուշադրության համար, որով ինձ թույլ տվիք խոսելու, որովհետև, համաձայն իմ բազմաթիվ դիտումների, մեր լիբերալը երբեք ի վիճակի չէ թույլ տալու, որ որևէ մեկը իր հատուկ համոզմունքն ունենա և չի կարող իր ընդդիմախոսին անմիջապես չպատասխանել հայհոյանքով կամ որևէ ավելի վատ բանով․․․

— Այդ դուք միանգամայն ճիշտ եք ասում,— նկատեց գեներալ Իվան Ֆյոդորովիչը և ձեռքերը մեջքին դարսելով, ամենաձանձրացած տեսքով պատշգամբից ետ քաշվեց դեպի ելքը, որտեղ զայրույթից նույնիսկ հորանջեց։

— Դե, բավական է, հերս,— հանկարծ հայտարարեց Եվգենի Պավլովիչին Լիզավետա Պրոկոֆևնան,— ձանձրացրիք ինձ...

— Ժամանակն է,— մտահոգ և գրեթե վախեցած տեղից վեր կացավ հանկարծ Իպոլիտը, շփոթված նայելով շուրջը․— ես ուզում էի ձեզ ասել ամեն ինչ․․․ ես կարծում էի, որ ամեն ինչ... վերջին անգամ․․․ դա ֆանտազիա էր...

Երևում էր, որ նա աշխուժանում էր պոռթկումներով, գրեթե իսկական զառանցանքից սթափվում էր հանկարծ, մի քանի ակնթարթ, լիակատար գիտակցությամբ հանկարծ մտաբերում ու խոսում էր, մեծ մասամբ գուցե հիվանդության երկարուձիգ, տաղտկալի ժամերին, մահճակալին պառկած, միայնության մեջ, անքնության պահերին վաղուց արդեն մտածած ու սերտած պարբերություններով։

— Դե, մնաք բարով,— կտրուկ ասաց նա հանկարծ։ — Կարծում եք, ինձ համար հե՞շտ է ձեզ մնաք բարով ասելը։ Հա՜֊հա՜,— սրտնեղած քմծիծաղ տվեց նա իր անհարմար հարցերից և հանկարծ, ասես զայրանալով, որ իրեն շարունակ չի հաջողվում ուզածն ասել, բարձրաձայն ու գրգռված ասաց,— Զերդ գերազանցությունւ Պատիվ ունեմ խնդրելու ձեզ, որ բարեհաճեք գալ իմ թաղմանը, եթե միայն կարժաացնեք այդ պատվին և... բոլորիդ, պարոնայք, գեներալի հետ...

Նա նորից ծիծաղեց, բայց դա արդեն խելագարի ծիծաղ էր։ Լիզավետա Պրոկոֆևնան վախեցած շարժվեց դեպի նա և բռնեց նրա ձեռքից։ Իպոլիտը նայում էր Լիզավետա Պրոկոֆևնային նույն ծիծաղով, որը, սակայն, արդեն չէր շարունակվում, այլ դադարել էր ու քարացել նրա դեմքին։

— Գիտե՞ք արդյոք, որ ես այստեղ եկա, որպեսզի ծառ տեսնեմ։ Ահա այս ծառերը... (նա ցույց տվեց պուրակի ծառերը)։ Դա հո ծիծաղելի չէ, հը՞։ Այստեղ ոչ մի ծիծաղելի բան չկա, այնպես չէ՞,— լրջորեն հարցրեց նա Լիզավետա Պրոկոֆևնային և հանկարծ մտքերի մեջ ընկավ․ հետո, մի վայրկյան անց, գլուխը բարձրացրեց և աչքերով հետաքրքրությամբ սկսեց որոնել ամբոխի մեջ։ Նա որոնում էր Եվգենի Պավլովիչին, որ կանգնած էր շատ մոտիկ, աջ կողմում, նույն տեղում, ինչպես առաջ, բայց Իպոլիտն արդեն մոռացել էր և որոնում էր չորս կողմում։— Ա՜, դուք չեք, գնացել,— վերջապես զտավ նրան,— դուք քիչ առաջ շարունակ ծիծաղում էիք, որ ես լուսամուտի առաջ կանգնած ուզում էի քառորդ ժամ խոսել... Իսկ գիտե՞ք, որ ես տասնութ տարեկան չեմ, ես այնքան եմ պառկել այդ բարձին, և այնքան եմ դուրս նայել այդ լուսամատից, և այնքան եմ մտածել բոլորի մասին... որ․․․ Մեռելը տարիք չի ունենում, դուք գիտեք։ Ես դեռ անցյալ շաբաթ մտածեցի այդ մասին, երբ գիշերն արթնացա․․․ իսկ գիտե՞ք, թե ամենից ավելի ինչից եք վախենում դուք, թեպետև արհամարհում եք մեզ։ Ես դա նույնպես, հենց այն ժամանակ բարձին պառկած մտածեցի գիշերը․․․ Դուք կարծում եք, թե քիչ առաջ ես ուզում էի ծիծաղե՞լ ձեզ վրա։ Լիզավետա Պրոկոֆևնա։ Ոչ, ես չէի ծիծաղում ձեզ վրա, ես միայն գովել էի ուզում․․․ Կոլյան ասում էր, որ իշխանը ձեզ մանուկ է անվանել... դա լավ է... Հա, էն ի՞նչ էր․․․ մի մի բան էի ուզում ասել․․․

Նա դեմքը ծածկեց ձեռքերով և մտասուզվեց։

― Ահա թե ինչ, երբ քիչ առաջ հրաժեշտ էի տալիս, հանկարծ մտածեցի․ ահա այս մարդիկ, և էլ երբեք նրանք չեն լինի, էլ երբեք։ Եվ ձառերը նույնպես, միայն աղյուսե պատը կլինի, կարմիր, Մեյերի տան պատը․․․ իմ լուսամուտի դիմաց... դե, հապա ասա նրանց այդ մասին․․․ փորձիր, ասա․ ահա գեղեցկուհին... չէ՞ որ դու մեռած ես, քեզ ներկայացրու իբրև մեռել, ասա, որ «մեռելին թույլատրելի է ամեն ինչ ասել»․․․ և որ իշխանուհի Մարիա Ալեքսևնան չի բարկանա, հա՜֊հա՜։— Դուք հո չե՞ք ծիծաղում,— թերահավատությամբ հայացքը հածեց նա շուրջը։— Իսկ գիտե՞ք, որ բարձի վրա շատ մտքեր են անցել գլխովս․․․ Գիտե՞ք, ես համոզվեցի, որ բնությունը շատ ծաղրասեր է․․․ Դուք քիչ առաջ ասացիք, որ ես աթեիստ եմ, բայց գիտե՞ք, որ դա բնությունն է․․․ էլի ինչո՞ւ եք ծիծաղում։ Դուք սարսափելի դաժան եք,— տխուր վրդովմունքով արտասանեց նա հանկարծ նայելով բոլորին,— ես Կոլյային չեմ փչացրել,— ավարտեց նա բոլորովին այլ եղանակով, լուրջ և համոզված, կարծես թե նույնպես հանկարծ հիշելով։

— Այստեղ ոչ ոք, ոչ ոք չի ծիծաղում քեզ վրա, հանդարտվիր,— գրեթե տանջվում էր Լիզավետա Պրոկոֆևնան,— վաղը նոր բժիշկ կգա, այն մյուսր սխալվել է։ Դե նստիր, ախր ոտքի վրա կանգնել չես կարող։ Զառանցում ես... Ախ, հիմա սրան ի՞նչ անեմ,— իրար էր անցել նա, Իպոլիտին նստեցնելով բազկաթոռին։ Մի արցունքի կաթիլ փայլեց նրա այտին։

Իպոլիտը կանգ առավ գրեթե շանթահար, ձեռքը բարձրացրեց, երկյուղածությամբ մեկնեց այն և դիպցրեց այդ արցունքի կաթիլին։ Նա ժպտաց ինչ-որ մանկական ժպիտով։

— Ես... ձեզ...— սկսեց խոսել նա խնդագին,— դուք չգիտեք, թե ես ձեզ ինչպես եմ․․․ նա միշտ այնպիսի հիացմունքով էր խոսում ձեր մասին, ահա սա, Կոլյան․․․ ես սիրում եմ նրա հիացմունքը։ Ես նրան չեմ փչացրել։ Ես հենց միայն նրան եմ թողնում... Ես ուզում էի բոլորին թողնել, բոլորին, բայց ոչ ոք չկար, չկար ոչ ոք։ Ես ուզում էի գործիչ լինել, ես իրավունք ունեի․․․ Օ, որքան շատ էի ուզում։ Ես հիմա ոչինչ չեմ ուզում, ոչինչ չեմ ուզում ուզել, ես ինձ այպիսի խոսք եմ տվել, որ այլևս ոչինչ չուզեմ. թող, թող առանց ինձ որոնեն ճշմարտությունը։ Այո, բնությունը ծաղրասեր է։ Ինչո՞ւ է նա,— հանկարծ ասաց նա եռանդով,— ինչո՞ւ է նա ստեղծում ամենալավ էակներին, որպեսզի հետո ձեռ առնի նրանց։ Չէ՞ որ նա այնպես արավ, որ միակ էակը, որին երկրի վրա ընդունեցին որպես կատարելություն... ախր այնպես արավ, որ, նրան ցույց տալով մարդկանց, հենց նրան էլ նշանակեց ասելու այն, հանուն ինչի այնքան արյուն թափվեց, որ եթե այդ ամբողջը թափվեր միանգամից, ապա հավանաբար մարդիկ կխեղդվեին։ Օ, լավ է, որ ես մեռնում եմ։ Երեի ես էլ մի սարսափելի սուտ կասեի, բնությունը այնպես կնենգեր... Ես ոչ ոքի չեմ փչացրել․․․ Ես ուզում էի ապրել բոլոր մարդկանց երջանկության համար, ճշմարտությունը հայտնագործելու և ազդարարելու համար․․․ Ես լուսամուտից նայում էի Մեյերի պատին և մտածում էի միայն քառորդ ժամ խոսել և բոլորին, բոլորին համոզել, բայց լոկ մի անգամ հանդիպեցի... ձեզ, եթե ոչ մարդկանց, և ահա ի՞նչ ստացվեց։ Ոչինչ։ Ստացվեց, որ դուք ինձ արհամարհում եք։ Նշանակում է՝ հարկավոր չեմ, նշանակում է՝ հիմար եմ, նշանակում է՝ ժամանակն է։ Եվ ախր ոչ մի հուշ չկարողացա թողնել։ Ոչ մի հնչյուն, ոչ մի հետք, ոչ մի գործ, չտարածեցի ոչ մի համոզմունք... Մի ծիծաղեք հիմարիս վրա։ Մոռացեք։ Մոռացեք բոլորդ... Մոռացեք, խնդրում եմ, այդքան դաժան մի եղեք։ Գիտե՞ք արդյոք, որ եթե այս թոքախտը չպատահեր, ես ինքս կսպանեի ինձ...

Նա կարծես դեռ շաա բան էր ուզում ասել, բայց չավարտեց, նետվեց բազկաթոռին, դեմքը ծածկեց ձեռքերով և լաց եղավ փոքրիկ երեխայի նման։

— Դե հիմա ի՞նչ կհրամայեք անել սրան,— բացականչեց Լիզավետա Պրոկոֆևնան, թռավ նրա մոտ, բռնեց նրա գլուխը և պինդ֊պինդ սեղմեց կրծքին։ Իպոլիտը հեկեկում էր ջղաձգաբար։— Դե-դե-դե։ Դե, մի լար, դե բավական է, դու բարի տղա ես, քեզ աստված կների քո անգիտության համար, դե, հերիք է, արի եղիր․․․ համ էլ հետո կամաչես...

— Ես այնտեղ,— ասում էր Իպոլիտը, ճգնելով գլուխը բարձրացնել,― ես այնտեղ եղբայր ու քույրեր ունեմ, փոքրիկ երեխաներ, խեղճ, անմեղ... Նա կփչացնի նրանց։ Դուք սուրբ եք, դուք... ինքներդ երեխա եք, փրկեցեք նրանց, պոկեցեք նրանց այդ․․․ կնոջից... նա... ամոթ... օ, օգնեցեք նրանց, օգնեցեք, աստված ձեզ հարյուրապատիկը կհատուցի, ի սեր աստծո, ի սեր Քրիստոսի...

— Դե վերջապես ասացեք, Իվան Ֆյոդորովիչ։ Հիմա ի՞նչ անենք,― գրգռված բղավեց Լիզավետա Պրոկոֆևնան,— շնորհ արեք, ընդհատեցեք ձեր վեհ լռությունը։ Եթե դուք չվճռեք, ապա թող հայտնի լինի ձեզ, որ ես ինքս եմ մնում այստեղ գիշերելու. բավական է, որքան բռնացել եք ինձ վրա ձեր ինքնիշխանությամբ։

Լիզավետա Պրոկոֆևնան հարցնում էր խանդավառված ու ցասկոտ և սպասում էր անհապաղ պատասխանի։ Բայց նման դեպքերում ներկաները, եթե նույնիսկ նրանք շատ են, մեծ մասամբ պատասխանում են լռությամբ, կրավորական հետաքրքրությամբ, չուզենալով ոչ մի բան վերցնել իրենց վրա և իրենց մտքերն արտահայտում են արդեն շատ ժամանակ անց։ Ներկաների թվում կային և այնպիսիները, որոնք պատրաստ էին այստեղ նստել թեկուզ մինչև առավոտ, առանց մի բառ արտասանելու. օրինակ, Վարվառա Արդալիոնովնան, որն ամբողջ երեկո նստել էր մեկուսի, լռում էր և ականջ դնում արտասովոր հետաքրքրությամբ, թերևս դրա համար ունենալով նաև իր պատճառները։

— Իմ կարծիքն այն է, բարեկամս,— արտահայտվեց գեներալը,— որ այստեղ հիմա հարկավոր է, այսպես ասած, ավելի շուտ, հիվանդապահ կին, քան մեր հուզմունքը, և, թերևս, բարեհույս, զգաստ մարդ գիշերվա համար։ Համենայն դեպս, հարցնել իշխանին և... անմիջապես հանգիստ տալ։ Իսկ վաղը կարելի է նորից մասնակից լինել։

— Հիմա ժամը տասներկուսն է, մենք գնում ենք։ Նա գալի՞ս է մեզ հետ, թե՞ մնում է ձեր տանը,— գրգռված ու բարկացած դիմեց Դոկտորենկոն իշխանին։

— Եթե ուզում եք, դուք էլ մնացեք նրա մոտ,— ասաց իշխանը,― տեղ կլինի։

— Ձերդ գերազանցություն,― անսպասելի և ոգևորված՝ գեներալի մոտ թռավ պարոն Կելլերը,— եթե գիշերը պահանջվում է գոհացուցիչ մարդ, ես պատրաստ եմ զոհաբերել ընկերոջս համար... դա մի այնպիսի՜ հոգի է։ Ես վաղուց արդեն նրան համարում եմ մեծ մարդ, ձե՛րդ գերազանցություն։ Ես, իհարկե, անփույթ եմ եղել կրթությանս նկատմամբ, բայց երբ նա քննադատում է, ախր դրանք մարգարիտնե՜ր, մարդարիտնե՜ր են թափվում, ձերդ գերազանցություն...

Գեներալը հուսաբեկ շրջվեց։

— Ես շատ ուրախ կլինեմ, եթե մնա. իհարկե, նրա համար դժվար է գնալը,— հայտարարում էր իշխանը ի պատասխան Լիզավետա Պրոկոֆևնայի գրգռված հարցերի։

— Դու քնա՞ծ ես, ինչ է։ Եթե չես ուզում, հերս, ես նրան ինձ մոտ կփոխադրեմ։ Տե՜ր աստված, ախր սա ինքն էլ հազիվ է ոտքի վրա կանգնում։ Հիվա՞նդ ես, ինչ է։

Այն ժամանակ Լիզավետա Պրոկոֆևնան, իշխանին չգտնելով մահվան մահճում, սաստիկ չափազանցրել էր նրա առողջական վիճակի բավարարությունը, դատելով արտաքին տեսքից, բայց նոր անցկացրած հիվանդությունը, դրան զուգակցվող ծանր հիշողությունները, հոգսաշատ երեկոյի հոգնությունը, «Պավլիշչևի որդու» դեպքը, Իպոլիտի հետ կապված հիմիկվա դեպքը, այդ բոլորը իրոք գրգռել էր իշխանի հիվանդ դյուրազգացությունը, նրան հասցնելով գրեթե տենդային վիճակի։ Բայց, բացի դրանից, նրա աչքերում հիմա էլի մի ուրիշ հոգս կար, նույնիսկ երկյուղ․ նա վախվխելով նայում էր Իպոլիտին, կարծես թե նրանից սպասելով էլի ինչ-որ բան։

Հանկարծ Իպոլիտը վեր կացավ սարսափելի գունատ և ահավոր, հուսահատության հասնող ամոթի արտահայտությունը աղավաղված դեմքին։ Դա գերազանցապես արտահայտվում էր ատելությամբ ու երկչոտությամբ ժողովվածներին նայող նրա հայացքում և թրթռացող շրթունքների վրա թափառող շփոթված, աղավաղված ու սողացող ժպիտում։ Նա անմիջապես աչքերը ցած թողեց ու երերալով և շարունակ նույն տեսակ ժպտալով ոտները քարշ տվեց դեպի Բուրդովսկին ու Դոկտորենկոն, որոնք կանգնած էին պատշգամբի ելքի մոտ. նա մեկնում էր նրանց հետ։

— Ահա հենց դրանից էի վախենում ես,— բացականչեց իշխանը։— Այդպես էլ պետք է լիներ։

Իպոլիտը արագ շրջվեց դեպի նա ամենակատաղի չարությամբ, և նրա դեմքի ամեն մի գիծը կարծես թրթռում էր ու խոսում։

— Ա՜, հենց դրանից էիք վախենում դուք։ «Այդպես էլ պետք է լինե՞ր» ձեր կարծիքով։ Գիտցեք, ուրեմն, որ եթե ես այստեղ ատում եմ որևէ մեկին,— գոչեց նա խռպոտ, ճղճղան, բերանից ցայտեր շաղ տալով (ես ձեզ բոլորիդ, բոլորիդ ատում եմ),— բայց ձեզ, ձեզ՝ ճիզվիտային, քաղցրումեղցր հոգի, ապուշ, միլիոնատեր-բարերար, ձեզ աշխարհում բոլորից և ամեն ինչից ավելի։ Ես ձեզ վաղուց եմ հասկացել և ատել, երբ լսել էի ձեր մասին. ես ձեզ ատել եմ հոգուս ամբողջ ատելությամբ... Այս բոլորը հիմա դո՛ւք արիք։ Այդ դո՛ւք հասցրիք ինձ նոպայի։ Մեռնողին դուք հասցրիք ամոթի աստիճանի դո՛ւք, դո՛ւք, դո՛ւք եք մեղավոր իմ ստոր փոքրոգության համար։ Ես ձեզ կսպանեի, եթե ողջ մնայի։ Հարկավոր չեն ինձ ձեր բարերարությունները, ոչ ոքից չեմ ընդունի, լսո՞ւմ եք, ոչ ոքից, ոչինչ։ Ես զառանցում էի, և դուք չհամարձակվեք հաղթանակ տոնել... Անիծում եմ ձեզ բոլորիդ առհավետ։

Այստեղ արդեն նա բոլորովին շնչասպառ եղավ։

— Իր արցունքներից ամաչեց,— շշնջաց Լեբեդևը Լիզավետա Պրոկոֆևնային,— «այդպես էլ պետք է լիներ»։ Ա՜յ քեզ իշխան։ Մինչև հոգու խորքը կարդաց...

Բայց Լիզավետա Պրոկոֆևնան նրան չարժանացրեց իր հայացքին։ Նա կանգնել էր հպարտորեն շիտկված, գլուխը ետ գցած և արհամարհալից հետաքրքրությամբ դիտում էր «այդ մարդուկներին»։ Երբ Իպոլիտը վերջացրեց, գեներալը ուսերը վեր քաշեց. Լիզավետա Պրոկոֆևնան ցասումնալից չափեց նրան ոտից մինչև գլուխ, կարծես թե նրանից հաշիվ պահանջելով այդ շարժման համար, և անմիջապես շուռ եկավ դեպի իշխանը։

— Շնորհակալություն, ձեզ, իշխան, մեր տան էքսցենտրիկ բարեկամ, այս հաճելի երեկոյի համար, որ մեզ բոլորիս տրամադրեցիք։ Ով գիտե, ձեր սիրտն ուրախանում է հիմա, որ ձեզ հաջողվեց մեզ էլ կրել ձեր հիմարություններին․․․ Բավական է, տան սիրելի բարեկամ, որ գոնե, վերջապես, հնարավորություն տվիք մի լավ տեսնելու ձեզ...

Նա վրդովմունքով սկսեց շտկել իր ժանեկավոր թիկնոցը, սպասելով, թե երբ պետք է ճամփա ընկնեն «նրանք»։ Այդ րոպեին «նրանց» մոտեցավ մի քառանիվ թեթև սայլակ, որի հետևից դեռ քառորդ ժամ առաջ Դոկտորենկոն կարդադրել էր ուղարկել Լեբեդևի աղային՝ գիմնազիստին։ Գեներալը կնոջից անմիջապես հետո իր խոսքը վրա բերեց.

— Ճիշտ որ, իշխան, ես նույնիսկ չէի սպասում... այն ամենից հետո... բոլոր բարեկամական հարաբերություններից հետո... և, վերջապես, Լիզավետա Պրոկոֆևնան...

— Դե ինչպե՞ս, դե ինչպե՞ս կարելի է այդ,— բացականչեց Ադելաիդան, արագ մոտեցավ իշխանին և ձեռքը մեկնեց նրան։

Իշխանը ինքն իրեն կորցրած տեսքով ժպտաց Ադելաիդային։

Հանկարծ մի տաք, արագ շշուկ կարծես թե այրեց իշխանի ականջը։

— Եթե անմիջապես չթողնեք այդ նողկալի մարդկանց, ապա ես ամբողջ կյանքումս, ամբողջ կյաքնումս կատեմ ձեզ,— շշնշաց Ագլայան. նա կարծես մոլեգնած էր, բայց առաջ քան իշխանը հասցրեց նրան նայել, նա շուռ եկավ։ Ասենք, իշխանին արդեն ոչինչ և ոչ ոքի չէր մնում թողնել, մինչ այդ արդեն հասցրել էին հիվանդ Իպոլիտին մի կերպ նստեցնել սայլակ, որը հեռացել էր։

— Ինչ է, սա երկա՞ր պիտի շարունակվի, Իվան Ֆյոդորովիչ։ Ի՞նչ եք կարծում։ Ես շա՞տ եմ հանդուրժելու այդ չարասիրտ անպիտան տղաներին։

— Դե ես, բարեկամս... ես, հասկանալի է, պատրաստ եմ և... իշխան...

Իվան Ֆյոդորովիչը, այնուհանդերձ, ձեռքը պարզեց իշխանին, բայց չհասցրեց սեղմել և վազեց Լիզավետա Պրոկոֆևնայի հետևից, որն աղմկալի ու զայրույթով ցած էր իջնում աստիճաններից։ Ադելաիդան, նրա փեսացուն և Ալեքսանդրան անկեղծորեն հրաժեշտ տվին իշխանին։ Եվգենի Պավլովիչը նույն թվում էր և միայն նա էր զվարթ։

— Եղավ այնպես, ինչպես կարծում էի։ Միայն ափսոս, որ դուք էլ, իմ խեղճ, այստեղ տուժեցիք,— շշնջաց նա ամենաանուշիկ ժպիտով։

Ագլայան գնաց առանց հրաժեշտ տալու։

Բայց այդ երեկոյի արկածները դեռ դրանով չվերջացան։ Լիզավետա Պրոկոֆևնան ստիպված եղավ հանդուրժելու ևս մի չափազանց անսպասելի հանդիպում։

Նա դեռ չէր հասցրել ոտքը սանդուղքից դնել ճանապարհը (որը օղակում էր պուրակը), երբ հանկարծ երկու սպիտակ ձի լծած մի շքեղ կառք սլացավ իշխանի ամառանոցի մոտով։ Կառքի մեջ նստած էին երկու փառահեղ տիկին։ Բայց դեռ տասը քայլ չանցած, կառքը հանկարծ կանգ առավ։ Տիկիններից մեկը արագ շուռ եկավ, կարծես հանկարծ տեսնելով իրեն անհրաժեշտ ինչ-որ ծանոթի։

— Եվգենի Պա՜վլիչ։ Այդ դո՞ւ ես,— կանչեց հանկարծ մի զրնգուն, սքանչելի ձայն, որից իշխանը ցնցվեց և, թերևս, էլի որևէ մեկը,— դե, ինչպես ուրախ եմ, որ վերջապես գտա։ Ես քո հետևից հատուկ սուրհանդակ եմ ուղարկել քաղաք, երկու հոգի։ Ամբողջ օրը քեզ են փնտրում։

Եվգենի Պավլովիչը կանգնել էր սանդուղքի աստիճանին ինչպես շանթահար։ Լիզավետա Պրոկոֆևնան նույնպես կանգնեց իր տեղում, բայց ոչ սարսափած ու քարացած, ինչպես Եվգենի Պավլովիչը։ Նա հանդուգն կնոջը նայեց նույնպես հպարտ և նույնպիսի սառն արհամարհանքով, ինչպես հինգ րոպե առաջ նայում էր «մարդուկներին», և անմիջապես իր սևեռուն հայացքը փոխադրեց Եվգենի Պավլովիչի վրա։

— Նորությո՜ւն,— շարունակում էր զրնգուն ձայնը,— Կուպֆերի մուրհակներից մի վախենա։ Ռոգոժինը գնեց երեսունով, ես համոզեցի։ Կարող ես հանգիստ լինել գոնե մի երեք ամիս։ Իսկ Բիսկուպից և այդ ամբողջ աղտեղությունից հավանաբար գլուխ կհանենք ծանոթության միջոցով։ Ահա ուրեմն, նշանակում է, ամեն ինչ բարեհաջող է։ Ուրախ լեր։ Մինչև վա՜ղը։

Կառքը շարժվեց ու արագ չքացավ։

— Դա խելագար է,— վերջապես բացականչեց Եվգենի Պավլովիչը, զայրույթից շառագունած և տարակուսանքով շուրջը նայեց,— ես ոչինչ չգիտեմ, այդ ինչ էր ասում։ Ի՞նչ մուրհակներ։ Ո՞վ է նա։

Լիզավետա Պրոկոֆևնան դեռ շարունակում էր նրան նայել մի երկու վայրկյան ևս. վերջապես արագ ու կտրուկ ուղղվեց դեպի իր ամառանոցը, իսկ նրա հետևից բոլորը։ Ուղիղ մի րոպե անց իշխանի պատշգամբը վերադարձավ Եվգենի Պավլովիչը արտակարգ հուզվաձ։

— Իշխան, ճշմարի՞տ դուք չգիտեք, թե ինչ է նշանակում սա։

— Ոչինչ չգիտեմ,— պատասխանեց իշխանը, որ գտնվում էր արտասովոր հիվանդագին լարման մեջ։

― Ո՞չ։

— Ոչ։

— Ես էլ չգիտեմ,— հանկարծ ծիծաղեց Եվգենի Պավլովիչը։― Աստված վկա, ոչ մի առնչություն չունեմ այդ մուրհակների հետ, հավատո՞ւմ եք ազնիվ խոսքին... Բայց ի՞նչ է կատարվում ձեզ հետ, դուք ուշագնա՞ց եք լինում։

— Օ, ոչ, ոչ, հավատացնում եմ ձեզ, ոչ...


XI

Եպանչինները միայն երրորդ օրը լիովին գթասրտվեցին։ Իշխանը թեև սովորականի պես իրեն մեղադրեց շատ բանում, և անկեղծորեն սպասում էր պատժի, բայց և այնպես. սկզբում նա լիովին համոզված էր, որ Լիզավետա Պրոկոֆևնան չէր կարող նրա վրա լրջորեն բարկանալ, այլ ավելի շատ զայրացել էր իր իսկ վրա։ Այսպիսով, թշնամանքի այդպիսի երկարատև ժամկետը իշխանին երրորդ օրը դրեց ամենամռայլ փակուղի։ Այլ հանգամանքներ էլ նրան փակուղի դրին, բայց նրանցից մեկը` գերազանցորեն։ Երեք օր շարունակ դա պրոգրեսիվորեն աճում էր իշխանի կասկածամտության մեջ (իսկ իշխանը վերջին ժամանակներս իրեն մեղադրում էր երկու ծայրահեղության՝ իր արտասովոր «անիմաստ ու աներես» դյուրահավատության և միաժամանակ «մռայլ, ստոր» կասկածամտության մեջ)։ Մի խոսքով, երրորդ օրվա վերջում կառքից Եվգենի Պավլովիչի հետ խոսող էքսցենտրիկ տիկնոջ արկածը իշխանի ուղեղում սարսափեցնող և խորհրդավոր չափեր ընդունեց։ Հանելուկի էությունը, բացի գործի այլ կողմերից, իշխանի համար այն ցավալի հարցն էր, թե արդյոք հենց ի՞նքն է մեղավոր այդ նոր «հրեշավորության» համար, թե՞ միայն․․․ Բայց նա մինչև վերջ չէր ասում, թե էլի ով։ Ինչ վերաբերում է Ն. Ֆ. Բ․ տառերին, ապա, նրա կարծիքով, այստեղ միայն անմեղ չարաճճիություն էր, նույնիսկ ամենամանկական չարաճճիություն, այնպես որ որևէ չափով դրա մասին մտահոգվելը ամոթ կլիներ և մի տեսակետից համարյա նույնիսկ անազնիվ։

Ասենք, հենց առաջին օրը այլանդակ «երեկույթից» հետո, որի անկարգություններում նա այնպիսի գլխավոր «պատճառ» էր, իշխանը առավոտյան իշխան Շչ֊ին և Ադելաիդային իր մոտ ընդունելու բավականությունն ունեցավ. «նրանք եկել էին գլխավորապես նրա համար, որ իմանային իշխանի առողջությունը», եկել էին երկուսով, զբոսանքից։ Ադելաիդան հիմա պուրակում նկատել էր մի ծառ, հրաշալի հինավուրց ծառ, ճյուղատարած, երկար, ծուռումուռ ոստերով, ամբողջովին թարմ սաղարթի մեջ կորած, փչակով ու ճեղքվածքով. նա որոշել է անպայման, անպայման նկարել այդ ծառը։ Այնպես որ իր այցելության ամբողջ կես ժամվա ընթացքում համարյա միայն այդ մասին էր խոսում։ Իշխան Շչ-ն ըստ սովորականի սիրալիր ու անուշ էր, իշխանին հարցնում էր առաջվա մասին, մտաբերում էր իրենց առաջին ծանոթության հանգամանքները, այնպես որ երեկվա մասին գրեթե ոչ մի խոսք էլ չէր ասված։ Վերջապես, Ադելաիդան չդիմացավ և, քմծիծաղ տալով խոստովանեց, որ իրենք եկել են incoցnito, սակայն խոստովանանքը հենց դրանով էլ վերջացավ, թեև այդ incognito֊ից արդեն կարելի էր եզրակացնել, որ ծնողները, այսինքն, գլխավորապես Լիզավետա Պրոկոֆևնան, ինչ-որ առանձնահատուկ վատ են տրամադրված։ Բայց ոչ նրա, ոչ Ագլայայի, ոչ նույնիսկ Իվան Ֆյոդորովիչի մասին Ադելաիդան և իշխան Շչ֊ն իրենց այցելության ընթացքում մի հատիկ բառ չարտասանեցին։ Նորից գնալով զբոսանքի, իշխանին չհրավիրեցին իրենց հետ գնալու։ Իսկ իրենց մոտ կանչելու մասին ակնարկ անգամ չեղավ. այդ առթիվ նույնիսկ մի շատ բնորոշ խոսք թռավ Ադելաիդայի բերանից․ խոսելով իր մի ջրաներկ նկարի մասին, նա հանկարծ շատ ուզեցավ ցույց տալ այդ։ «Ինչպե՞ս անենք, որ շուտ լինի։ Կացե՛ք։ Ես կամ այսօր Կոլյայի հետ կուղարկեմ, եթե գա, կամ վաղը ինքս, երբ իշխանի հետ նորից զբոսանքի դուրս գանք, կբերեմ» — եզրափակեց նա վերջապես իր տարակուսանքը, ուրախանալով, որ իրեն հաջողվեց այդպես ճարպիկ ու բոլորի համար հարմար լուծել այդ խնդիրը։

Վերջապես, արդեն համարյա հրաժեշտ տալիս, իշխան Շչ֊ն կարծես հանկարծ հիշեց.

— Ախ, հա,— հարցրեց նա,— գոնե դուք չգիտե՞ք, սիրելի Լև Նիկոլաևիչ, այն ինչ կին էր, որ երեկ երեկոյան կառքից բղավեց Եվգենի Պավլովիչին։

— Դա Նաստասյա Ֆիլիպովնան էր,— ասաց իշխանը,— մի՞թե դեռ չեք իմացել, որ այդ նա է։ Իսկ նրա հետինը չգիտեմ ով էր։

— Գիտեմ, լսել եմ,— վբա բերեց իշխան Շչ֊ն,— բայց ի՞նչ էր նշանակում այդ բացականչությունը։ Դա, խոստովանում եմ, այնպիսի հանելուկ է ինձ համար... ինձ համար և ուրիշների համար։

Իշխան Շչ-ն խոսում էր արտասովոր և ակնհայտ զարմանքով։

— Նա խոսում էր Եվգենի Պավլովիչի ինչ-որ մուրհակների մասին,— շատ պարզ պատասխանեց իշխանը,— որոնք Նաստասյա Ֆիլիպովնայի խնդրանքով ինչ-որ վաշխառուից ընկել են Ռոգոժինի ձեռքը, որը Եվգենի Պավլովիչին ժամանակ կտա։

— Լսեցի, լսեցի, իմ թանկագին իշխան, բայց ախր դա չէր կարող պատահել։ Այստեղ Եվգենի Պավլովիչի ոչ մի մուրհակ չէր կարող լինել։ Այդպիսի կարողություն ունենալով... ճիշտ է, առաջ նրան պատահում էր, թեթևամտությունից, և նույնիսկ ես նրան նեղ տեղից ազատում էի... այդպիսի կարողություն ունենալով մուրհակներ տալ վաշխառուին և անհանգստանալ դրանց համար՝ անհնարին է։ Եվ նա չի կարող դու-ով խոսել և այդպիսի բարեկամական հարաբերությունների մեջ լինել Նաստասյա Ֆիլիպովնայի հետ,— ահա թե որն է գլխավոր խնդիրը։ Նա երգվում է, որ ոչինչ չի հասկանում, և ես լիովին հավատում եմ նրան։ Բայց բանն այն է, սիրելի իշխան, որ ես ուզում էի հարցնել ձեզ, գոնե դուք որևէ բան չգիտե՞ք։ Այսինքն, որևէ հրաշքով գոնե ձեզ լուր չի՞ հասել։

— Ոչ, ոչինչ չգիտեմ, և հավատացնում եմ ձեզ, որ ես դրան բոլորովին չեմ մասնակցել։

— Ախ, ինչպիսի՜ն եք դարձել, իշխան։ ես այսօր ուղղակի չեմ ճանաչում ձեզ։ Մի՞թե ես կարող էի կասկածել, թե դուք այդպիսի գործի մասնակից եք... Դե, այսօր ձեր տրամադրությունն ընկած է։

Նա գրկեց և համբուրեց իշխանին։

— Այսինքն՝ ինչպիսի՞ «այդպիսի» գործի մասնակից։ Ես ոչ մի «այդպիսի» գործ չեմ տեսնում։

— Անկասկած այդ անձնավորությունը ինչ֊որ ձևով և ինչ֊որ բանում ուզում էր խանգարել Եվգենի Պավլովիչին, վկաների աչքում նրան այնպիսի հատկություններ վերագրելով, որպիսիք նա չունի և չի կարող ունենալ,— պատասխանեց իշխան Շչ-ն բավական չոր։

Իշխան Լև Նիկոլաևիչը շփոթվեց, բայց, այնուամենայնիվ շարունակում էր սևեռուն ու հարցական նայել իշխանին. բայց նա լուռ մնաց։

― Եվ ո՞չ թե ուղղակի մուրհակներ։ Արդյոք տառացիորեն այդպես չէ՞, ինչպես երեկ ասաց,— մրթմրթաց վերջապես իշխանը ինչ-որ անհամբերությամբ։

— Բայց, ասում եմ ձեզ, ինքներդ դատեցեք, այստեղ ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել Եվգենի Պավչովիչի և... նրա մեջ, դեռ Ռոգոժինն էլ ավելացրած։ Կրկնում եմ ձեզ, հսկայական կարողություն ունի, որն ինձ ստույգ հայտնի է. մի այլ կարողություն էլ, որը սպասում է հորեղբորից։ Ուղղակի Նաստասյա Ֆիլիպովնան․․․

Իշխան Շչ-ն հանկարծ նորից լռեց, ըստ երևույթին նրա համար, որ չէր ուզում իշխանի մոտ շարունակել Նաստասյա Ֆիլիպովնայի մասին։

— Նշանակում է, համենայն դեպս, Նաստասյա Ֆիլիպովնան նրան ծանո՞թ է,― հանկարծ հարցրեց իշխան Լև Նիկոլաևիչը, մի րոպե լռելուց հետո։

— Այդ մեկը կարծես թե եղել է․ թեթևսոլիկ է։ Բայց, համենայն դեպս, եթե եղել է, ապա շատ վաղուց, դեռ առաջ, այսինքն՝ երկու֊երեք տարի։ Չէ՞ որ նա Տոցկու հետ էլ ծանոթ էր։ Իսկ հիմա այդ կարգի ոչ մի բան լինել չի կարող, իրար հետ դու֊ով լինել նրանք երբեք չէին կարող։ Ինքներդ դիտեք, որ Նաստասյա Ֆիլիպովնան էլ ամբողջ ժամանակ այստեղ չէր․ ոչ մի տեղ չէր։ Շատերը դեռ չգիտեն էլ, որ նա նորից հայտնվել է։ Նրա կառքը ես նկատել եմ մի երեք օր առաջ, ոչ ավելի։

— Հիանալի՜ կառք է,— ասաց Ադելաիդան։

— Այո, կառքը հիանալի է։

Երկուսն էլ հեռացան, այնուամենայնիվ, ամենաբարեկամական, կարելի է ասել, ամենաեղբայրական տրամադրությամբ դեպի իշխան Լև Նիկոլաևիչը։

Իսկ մեր հերոսի համար այդ այցելությունը իր մեջ պարունակում էր նույնիսկ շատ կարևոր մի հանգամանք։ Ասենք, երեկ գիշերվանից սկսած (գուցե և ավելի առաջ), նա ինքն էլ շատ էր կասկածում, բայց մինչև նրանց այցելությունը չէր համարձակվում լիովին արդարացնել իր վախը։ Իսկ հիմա պարզ էր դառնում, իշխան Շչ֊ն, իհարկե, իրադարձությունը սխալ էր մեկնաբանում, բայց համենայն դեպս թափառում էր ճշմարտության շուրջը, համենայն դեպս, հասկացել էր, որ այստեղ ինտրիգա կա։ (Ասենք, նա ինքն իր մեջ գուցե բոլորովին ճիշտ է հասկանում,— մտածեց իշխանը,— միայն թե չի ուզում արտահայտվել, դրա համար էլ դիտմամբ սխալ է մեկնաբանում)։ Ամենից ակնհայտն այն էր, որ հիմա նրա մոտ գալիս էին (և հատկապես իշխան Շչ֊ն) որևէ պարզաբանումների հույսով. եթե այդպես է, ուրեմն նրան ուղղակի համարում են ինտրիգի մասնակից։ Բացի այդ, եթե այդ ամենը այդպես է և իրոք կարևոր է, ապա, նշանակում է, նա ինչ֊որ սարսափելի նպատակ ունի, բայց ի՞նչ նպատակ։ Սոսկալի՜ բան։ «Եվ ինչպե՞ս կասեցնես նրան։ Նրան կասեցնելու ոչ մի հնարավորություն չկա, երբ նա համոզված՝ է իր նպատակի ճշտությանը»։ Այդ արդեն իշխանը փորձով գիտեր։ «Խելագար է։ Խելագար»։

Բայց այդ առավոտ ուրիշ շատ, շատ անլուծելի հանգամանքներ էլ էին կուտակվել, և բոլորը միաժամանակ, և ամեն ինչ պահանջում էր անհապաղ լուծում, այնպես որ իշխանը շատ տխուր էր։ Նրա թախիծը մի քիչ փարատեց Վերա Լեբեդևան, որը նրա մոտ եկավ Լյուբոչկայի հետ, և, ծիծաղելով, երկար ինչ-որ բան էր պատմում։ Վերայի հետևից ներս մտավ նաև նրա՝ բերանը բաց քույրը, նրանց հետևից՝ Լեբեդևի գիմնազիստ որդին, որը հավատացնում էր, թե հավատո հանգանակի միջի «օշինդր աստղը», որը ընկել է երկիր ջրի աղբյուրների վրա, ըստ հոր մեկնաբանության Եվրոպայամ տարածված երկաթուղագծերի ցանցն է։ Իշխանը չհավատաց, որ Լեբեդևն այդպես է մեկնաբանում, որոշեցին հարցնել հենց Լեբեդևից, առաջին իսկ հարմար դեպքում։ Վերա Լեբեդևայից իշխանն իմացավ, որ երեկվանից Կելլերը քոչել֊եկել է նրանց մոտ և, բոլոր նշաններից երևում է, որ երկար ժամանակ նրանցից պոկ չի գա, որովհետև ընկեր է գտել և բարեկամաբար կապվել է գեներալ Իվոլգինի հետ։ Ասենք, նա հայտարարել է, թե նրանց մոտ մնում է լոկ նրա համար, որ կոմպլեկտավորի իր կրթությունը։ Ընդհանրապես Լեբեդևի երեխաները գնալով ավելի ու ավելի էին դուր գալիս իշխանին։ Կոլյան ամբողջ օրը չէր երևացել. նա վաղ առավոտվանից գնացել էր Պետերբուրգ։ (Լեբեդևն էլ լույսը չբացված գնացել էր իր ինչ-որ գործերով)։ Բայց իշխանն անհամբեր սպասում էր Գավրիլա Արդալիոնովիչին, որն անպայման հենց այսօր պետք է անցներ նրա մոտ։

Նա շնորհ բերեց կեսօրվա ժամը յոթին մոտ, ճաշից անմիջապես հետո։ Նրա վրա գցած առաջին հայացքից իշխանի մտքով անցավ, որ գոնե այս պարոնը պետք է ամբողջ ճշմարտությունը անսխալ իմանա. և ինչպե՞ս չիմանար, Վարվառա Արդալիոնովնայի և նրա ամուսնու պես օգնականներ ունենաչռվ։ Բայց Գանյայի հետ իշխանի հարաբերությունները միշտ ինչ-որ առանձնահատուկ էին։ Իշխանն, օրինակ, նրան վստահեց վարել Բուրդովսկու գործը և հատկապես խնդրեց նրան այդ մասին, բայց չնայած այդ վստահությանը և առաջ պատահած որոշ բաների, երկուսի միջև շարունակ մնում էին մի քանի կետեր, որոնց մասին կարծես փոխադարձաբար վճռած լինեին ոչինչ չխոսել։ Իշխանին երբեմն թվում էր, որ թերևս, Գանյան իր կողմից կուզենար ամենալիակատար ու բարեկամական անկեղծություն ցուցաբերել, օրինակ, հիմա, հենց որ նա ներս մտավ, իշխանին անմիջապես թվաց, թե Գանյան վերին աստիճանի համոզված է, որ հենց այս րոպեին հասել է բոլոր կետերում նրանց միջև եղած սառույցը կոտրելու ժամանակը։ (Սակայն Գավրիլա Արդալիոնովիչն շտապում էր. Լեբեդևի տանը նրան սպասում էր քույրը. նրանք երկուսն էլ շտապում էին ինչ֊որ գործով)։

Բայց եթե Գանյան իրոք սպասում էր մի ամբողջ շարք անհամբեր հարցերի, ակամա հաղորդումների, բարեկամական զեղումների, ապա, իհարկե, նա շատ սխալվեց։ Նրա այցելության ամբողջ քսան րոպեի ընթացքում իշխանը նույնիսկ շատ մտազբաղ էր, գրեթե մտացրիվ։ Սպասվող հարցեր կամ, լավ է ասել մի գլխավոր հարց, որ սպասում էր Գանյան, չէին կարող լինել։ Այն ժամանակ Գանյան որոշեց, որ ինքն էլ ավելի զուսպ կխոսի։ Նա, առանց լռելու, ամբողջ քսան րոպե պատմում էր, ծիծաղում, զբաղվում ամենաթեթև, հաճելի ու արագախոս շաղակրատությամբ, բայց գլխավոր հարցը չշոշափեց։

Գանյան ի միջի այլոց պատմեց, որ Նաստասյա Ֆիլիպովնան ընդամենը չորս օր է, ինչ այստեղ Պավլովսկում է և արդեն իր վրա է գրավում ընդհանուրի ուշադրությունը։ Նա ապրում է մի տեղ, ինչ-որ Մատրոսսկայա փողոցում, մի փոքրիկ, անճոռնի տան, Դարյա Ալեքսեևնայի մոտ, իսկ նրա կառքը համարյա առաջինն է Պավլովսկում։ Նրա շուրջը արդեն հավաքվել է ծեր ու ջահել արկածախնդիրների մի ամբողջ ամբոխ, երբեմն կառքն ուղեկցում են հեծյալներ։ Նաստասյա Ֆիլիպովնան, ինչպես և առաջ, շատ խստապահանջ է, իր մոտ գնալու թույլ է տալիս ընտրությամբ։ Բայց և այնպես նրա շուրջը մի ամբողջ խումբ է գոյացել, այնպես որ հարկ եղած դեպքում նրան պաշտպանող մարդ կճարվի։ Հովեկներից մի օրինական փեսացու նրա պատճառով արդեն գժտվել է իր հարսնացուի հետ. մի ծերուկ գեներալ համարյա անիծել է իր որդուն։ Նա հաճախ իր հետ կառքով զբոսնելու է վերցնում մի սքանչելի աղջկա, ընդամենը տասնվեց տարեկան, Դարյա Ալեքսեևնայի հեռավոր ազգականուհուն, այդ աղջիկը լավ է երգում, այնպես որ երեկոները նրանց տունը իր վրա ուշադրություն է հրավիրում։ Սակայն Նաստասյա Ֆիլիպովնան իրեն չափազանց կարգին է պահում, հագնվում է ոչ շքեղ, բայց արտասովոր ճաշակով, և բոլոր տիկնայք նրա «ճաշակին, գեղեցկությանն ու կառքին նախանձում են»։

— Երեկվա արտառոց դեպքը,— խոսք թռցրեց Գանյան,— իհարկե, կանխամտածված էր և, իհարկե, չպետք է հաշվի առնել։ Նրան որևէ բանում կշտամբելու համար պետք է դիտմամբ մի բան փնտրես կամ զրպարտես, որ, ի դեպ, չի հապաղի,— եզրափակեց Գանյան, որ սպասում էր, թե իշխանն անպայման կհարցնի. «Ինչո՞ւ է նա երեկվա դեպքը կանխամտածված դեպք համարում։ Եվ ինչո՞ւ չի հապաղի»։ Բայց իշխանը չհարցրեց դա։

Եվգենի Պավյովիչի մասին նույնպես Գանյան ծավալվեց ինքը, առանց հատուկ հարցուփորձի, որ շատ տարօրինակ էր, որովհետև նրան խոսակցության մեջ գցեց առանց որևէ առիթի, Գավրի ա Արդալիոնովիչի կարծիքով Եվգենի Պավլովիչը չէր ճանաչում Նաստասյա Ֆիլիպովնային, նա նրան հիմա էլ հազիվհազ է ճանաչում և հենց շնորհիվ այն բանի, որ մի չորս օր առաջ ինչ֊որ մեկը զբոսանքի ժամանակ նրան ներկայացրել էր Նաստասյա Ֆիլիպովնային, և հազիվ թե գեթ մի անգամ ուրիշների հետ նրա տանը եղած լինի։ Մուրհակների մասին ասածը նույնպես կարող էր ճիշտ լինել (դա Գանյան գիտի նույնիսկ հաստատ), Եվգենի Պավլովիչը, իհարկե, մեծ կարողություն ունի, «բայց կալվածքի որոշ գործեր գտնվում են որոշ անկարգության մեջ»։ Այդ հետաքրքիր նյութի վրա Գանյան հանկարծ խոսքը կտրեց։ Նաստասյա Ֆիլիպովնայի երեկվա արարքի մասին մի հատիկ խոսք չասաց, բացի վերև հարևանցի ասածից։ Վերջապես, Գանյայի հետևից մտավ Վարվառա Արդալիոնովնան, մնաց մի րոպե, հայտարարեց (որին նույնպես չէին խնդրել), որ Եվգենի Պավլովիչը այսօր կամ գուցե վաղը, կլինի Պետերբուրգում, որ իր ամուսինը (Իվան Պետրովիչ Պտիցինը) նույնպես Պետերբուրգում է, և գրեթե նույնպես Եվգենի Պավլովիչի գործերով, որ այնտեղ իրոք ինչ֊որ բան է եղել։ Գնալիս նա ավելացրեց, որ Լիզավետա Պրոկոֆևնան այսօր դժոխային տրամադրության մեջ է, բայց որ ամենից տարօրինակն է, Ագլայան գժտվել է ամբողջ ընտանիքի հետ, ոչ միայն հոր ու մոր, այլև նույնիսկ երկու քույրերի հետ, և որ դա բոլորովին լավ չէ»։ Կարծես հարևանցի հայտնելով այդ վերջին (իշխանի համար չափազանց նշանակալից) լուրը, քույր ու եղբայր հեռացան։ «Պավլիշչևի որդու» գործի մասին նույնպես Գանեչկան ոչ մի խոսք չասաց, գուցե կեղծ համեստությունից, գուցե «խնայելով իշխանի զգացմունքները», բայց իշխանը, համենայն դեպս, մի անգամ էլ շնորհակալություն հայտնեց նրան գործի ջանադիր ավարտման համար։

Իշխանը շատ ուրախ էր, որ վերջապես նրան մենակ թողին. նա ցած իջավ պատշգամբից, կտրեց անցավ ճանապարհը և մտավ զբոսայգին. նա ուզում էր կշռադատել և լուծել մի քայլ։ Բայց այդ «քայլը» նրանցից չէր, որոնք կշռադատվում են, այլ նրանցից, որոնք հենց չեն կշռադատվում, այլ որոնց ուղղակի դիմում են, նա հանկարծ սաստիկ ուզեց այս ամենը թողնել այստեղ և վերադառնալ այնտեղ, որտեղից եկել էր, որևէ հեռու, խուլ տեղ, մեկնել հենց հիմա և նույնիսկ առանց որևէ մեկին հրաժեշտ տալու։ Նա նախազգում էր, որ եթե գեթ մի քանի օր էլ այստեղ մնա, ապա անպայման անդառնալիորեն կներքաշվի այդ աշխարհը և առաջիկայում էլ հենց այդ աշխարհը նրան բաժին կընկնի։ Բայց նա տասը րոպե իսկ չխորհեց և անմիջապես վճռեց, որ փախչելն «անհնար» է, որ դա համարյա փոքրոգություն կլինի, որ իր առաջ այնպիսի խնդիրներ են կանգնած, որ չլուծելու կամ գոնե դրանք լուծելու համար բոլոր ուժերը չգործադրելու հիմա նույնիսկ ոչ մի իրավունք չունի։ Այդպիսի մտքերով նա վերադարձավ տուն, և հազիվ թե քառորդ ժամ զբոսնեց։ Նա այդ րոպեին լիովին դժբախտ էր։

Լեբեդևը դեռևս բացակայում էր անից, այնպես որ երեկոյան իշխանի մոտ կարողացավ խուժել Կելլերը, ոչ հարբած, բայց զեղումներով ու խոստովանություններով։ Նա ուղղակի հայտարարեց, որ եկել է իշխանին պատմելու իր ամբողջ կյանքը և հենց դրա համար էլ մնացել է Պավլովսկում. նրան վռնդելու ոչ մի հնարավորություն չկար, ոչ մի դեպքում չէր գնա։ Կելլերը պատրաստվեց խոսելու շատ երկար ու շատ անկանոն, բայց հանկարծ գրեթե առաջին իսկ խոսքերից թռավ եզրափակմանը և հայտարարեց, որ ինքն այն աստիճան է կորցրել «բարոյականության ամեն մի նշույլ» (լոկ ամենաբարձրյալին չհավատալուց), որ նույնիսկ գողություն է արել։— «Կարո՜ղ եք պատկերացնել այդ»։

— Լսեցեք, Կելլեր, ձեր տեղը լինեի, դա չէի խոստովանի առանց հատուկ պատճառի,— սկսեց իշխանը,— ասենք, դուք, գուցե դիտմամբ եք ձեզ ամբաստանում։

— Ձեզ, միմիայն ձեզ, և միմիայն նրա համար, որպեսզի օգնեմ զարգացմանս։ Ուրիշ ո՛չ ոքի. կմեռնեմ և պատանքիս տակ կտանեմ գաղտնիքս։ Բայց, իշխան, եթե իմանայիք, եթե միայն իմանայիք, թե մեր դարում որքա՜ն դժվար է փող ճարելը։ Որտեղի՞ց ճարես, թույլ տվեք ձեզ հարցնել դրանից հետո։ Մի պատասխան կա, «Ոսկի ու ադամանդներ բեր, դրանց դիմաց էլ կտանք», այսինքն՝ հենց այն, ինչ որ ես չունեմ, կարո՞ղ եք պատկերացնել։ Ես, վերջապես, բարկացա, կանգնեցի֊կանգնեցի, «Իսկ զմրուխտի դիմաց, ասում եմ, կտա՞ք»։— «Զմրուխտի դիմաց էլ, ասում է, կտամ»։— «Դե, հրաշալի է»,— ասում եմ, գլխարկս դնում ու դուրս գալիս․ ձեր գլուխը քարը, սրիկանե՜ր։ Աստվա՛ծ վկա։

— Իսկ մի՞թե դուք զմրուխտ ունեիք։

— Որտեղի՞ց։ Օ, իշխան, դեռ որքան պայծառ և անմեղ, նույնիսկ կարելի է ասել, հովվորեն եք նայում կյանքին։

Իշխանը, վերջապես, չէ թե խղճաց, այլ մի տեսակ, կարծես, անհարմար զգաց։ Նրա գլխով նույնիսկ մի միտք անցավ. «Արդյոք չի՞ կարելի որևէ մեկի լավ ազդեցությամբ այս մարդուց մի բան շինել»։ Իր սեփական ազդեցությունը, որոշ պատճառներով, նա համարում էր չափազանց ոչ պիտանի, ոչ թե ինքնանվաստացումից, այլ իրերի նկատմամբ որոշ առանձնահատուկ հայացք ունենալուց։ Կամաց֊կամաց նրանք զրույցի բռնվեցին, և այն աստիճան, որ չէին ուզում բաժանվել։ Կելլերն արտասովոր պատրաստակամությամբ այնպիսի բաներ էր խոստովանում, որ նույնիսկ չէր կարելի պատկերացնել, թե ինչպես կարելի է այդպիսի գործերի մասին պատմել։ Անցնելով ամեն մի պատմությանը, նա հաստատ հավատացնում էր, որ զղջում է և ներքուստ «լի է արցունքով», մինչդեռ այնպես էր պատմում, որ կարծես հպարտանում էր իր արարքով և միաժամանակ երբեմն այնքան ծիծաղաշարժ, որ նա ու իշխանը, վերջապես, հռհռում էին խելագարի նման։

— Գլխավորն այն է, որ ձեր մեջ ինչ֊որ մանկական դյուրահավատություն և արտասովոր շիտակություն կա,— վերջապես ասաց իշխանը,— արդյոք գիտե՞ք, որ հենց միայն դրանով շատ եք կաշառում։

— Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, ասպետորեն շնորհակալ եմ,― սրտաշարժված հաստատեց Կելլերը,— բայց գիտե՞ք, իշխան, ամեն ինչ միայն երազանքներում, և, այսպես ասած, երևակայական համարձակությամբ, իսկ գործնականում երբեք բան չի ստացվում։ Իսկ ինչո՞ւ է այդպես։ Չեմ կարող հասկանալ։

— Մի հուսահատվեք։ Հիմա հաստատ կարելի է ասել, որ ինձ ներկայացրիք ձեր ամենաթաքուն գաղտնիքները. համենայն դեպս ինձ թվում է, որ ձեր պատմածին այլևս ոչինչ չի կարելի ավելացնել, այնպես չէ՞։

― Չի՞ կարելի,— մի տեսակ ափսոսանքով բացականչեց Կելլերը,— օ, իշխան, դեռ ո՜ր աստիճան դուք, այսպես ասած, շվեյցարավարի եք հասկանում մարդուն։

— Մի՞թե էլի կարելի է ավելացնել,— վարանոտ զարմանքով արտասանեց իշխանը,― ուրեմն ինձնից ի՞նչ էիք սպասում, Կելլեր, ասացեք, խնդրեմ, և ինչո՞ւ եք եկել ձեր խոստովանությամբ հանդերձ։

— Ձեզնի՞ց։ Ինչ էի սպասո՞ւմ։ Նախ և առաջ լոկ հաճելի է տեսնել ձեր պարզասրտությունը. ձեզ հետ նստել ու խոսելը հաճելի է, ես գոնե գիտեմ, որ իմ առաջ ամենաառաքինի անձնավորություն է, իսկ երկրորդ․․․ երկրորդ...

Նա ծիծաղեց։

— Գուցե փո՞ղ էիք ուզում պարտք վերցնել,— հուշեց իշխանը շատ լուրջ ու հասարակ, նույնիսկ կարծես մի քիչ երկչոտ։

Կելլերը կարծես ցնցվեց. նա արագ, առաջվա պես զարմացած, նայեց իշխանի ուղիղ աչքերի մեջ և բռունցքն ամուր խփեց սեղանին։

— Դե, ահա հենց դրանով էլ դուք մարդուն վերջանականապես շշկլեցնում եք։ Ներեցեք, իշխան, մերթ այնպիսի պարզասրտություն, այնպիսի անմեղություն եք ցուցաբերում, որ նույնիսկ ոսկե դարում չի լսված, և հանկարծ միաժամանակ մարդու նետի պես ծակում անցնում եք դիտողականության այդպիսի խորագույն հոգեբանությամբ։ Բայց թույլ տվեք, իշխան, դա պահանջում է պարզաբանում, որովհետև ես... ես ուղղակի շշմած եմ։ Հասկանալի է, վերջ ի վերջո իմ նպատակն էր փող պարտք վերցնել, բայց փողի մասին դուք ինձ այն ձևով հարցրիք, կարծես դրանում դատապարտելի բան չեք գտնում, կարծես թե այդպես էլ պետք է լինի․․․

— Դե․․․ ձեր կողմից այդպես էլ պետք է լինի։

— Եվ զայրացած չե՞ք։

— Դե... ինչի՞ց։

— Լսեցեք, իշխան, ես երեկ իրիկվանից այստեղ մնացի, նախ և առաջ դեպի Ֆրանսիայի արքեպիսկոպոս Բուրդալուն ունեցած առանձնահատուկ հարգանքից (Լեբեդևի տանը մինչև ժամը երեքը շիշ էինք դատարկում), իսկ երկրորդ և գլխավորը (և ահա բոլոր խաչերով երդվում եմ, որ կատարյալ ճշմարտությունն եմ ասում), նրա համար մնացի, որ ուզում էի, այսպես ասած, ձեզ հայտնելով իմ սրտի լրիվ խոստովանանքը, դրանով իսկ նպաստել սեփական զարգացմանս. այդ մտքով էլ քնեցի չորսին մոտ, արցունքներ թափելով։ Հիմա հավատո՞ւմ եք արդյոք ազնվագույն անձնավորությանս, բուն այն րոպեին, որ քնում էի, անկեղծորեն լի ներքին և, այսպես ասած, արտաքին արցունքներով (որովհետև վերջապես հոնգուր-հոնգուր լաց էի լինում, ես դա հիշում եմ), մի դժոխային միտք անցավ գլխովս. «Իսկ ինչ, վերջ ի վերջո, խոստովանությունից հետո նրանից փող պարտք չվերցնե՞մ»։ Այդպիսով, ես խոստովանությունս պատրաստեցի ինչպես, այսպես ասած մի «ֆենեզերֆ արցանքի սոուսով», այն նպատակով, որ հենց այդ արցունքներով ճանապարհը փափկացնեմ և որպեսզի դուք, գթաշարժվելով, հարյուր հիսուն ռուբլին հաշվեք ու դնեք բուռս։ Ձեր կարծիքով սա ստորություն չէ՞։

— Բայց, երևի դա ճիշտ չէ, այլ ուղղակի համընկել է մեկը մյուսին։ Երկու միտք համընկել են իրար, դա շատ հաճախ է պատահում։ Ինձ անընդհատ պատահում է։ Ասենք, ես կարծում եմ, որ դա լավ չէ, և գիտե՞ք, Կելլեր, ես դրանում ամենից շատ ինձ եմ, կշտամբում։ Դուք հիմա կարծես իսկական իմ մասին պատմեցիք ինձ։ Ինձ նույնիսկ երբեմն պատահել է մտածել,— շարունակում էր իշխանը շատ լուրջ, անկեղծ ու խորապես հետաքրքրված,— որ բոլոր մարդիկ էլ այդպես են, այնպես որ ես նույնիսկ սկսեցի արդարացնել ինձ, որովհետև սարսափելի դժվար է պայքարել այդպիսի կրկնակի մտքերի դեմ. ես զգացել եմ։ Աստված գիտի, թե դրանք ինչպես են գալիս ու ծնվում։ Բայց ախր ահա դուք դա ուղղակի ստորություն եք անվանում։ Հիմա ես էլ նորից կսկսեմ վախենալ այդ մտքերից։ Համենայն դեպս ես ձեզ համար դատավոր չեմ։ Բայց և այնպես, իմ կարծիքով, չի կարելի դա ուղղակի ստորություն անվանել, ի՞նչ եք կարծում։ Դուք խորամանկեցիք, որպեսզի արցունքների միջոցով փող կորզեիք, բայց չէ՞ որ հենց ինքներդ երդվում եք, որ ձեր խոստովանությունը մի այլ, ազնիվ նպատակ էլ ուներ, և ոչ թե միայն դրամական, ինչ վերաբերում է փողին, ապա փողը ձեզ պետք է քեֆի համար, այնպես չէ՞։ Իսկ դա արդեն այդպիսի խոստովանությունից հետո, հասկանալի է, փոքրոգություն է։ Բայց նաև մարդ մի րոպեում ինչպե՞ս թողնի քեֆը։ Չէ՞ որ դա անհնար է։ Ի՞նչ անել, ուրեմն։ Ամենից լավ է թողնել ձեր սեփական խղճին, ի՞նչ եք կարծում։

Իշխանը արտակարգ հետաքրքրությամբ նայում էր Կելլերին։ Կրկնակի մտքերի հարցը ակնհայտորեն և վաղուց հետաքրքրում էր նրան։

— Դե, չեմ հասկանում, ինչո՞ւ են ձեզ դրանից հետո ապուշ անվանում,— բացականչեց Կելլերը։

Իշխանը թեթևակի շիկնեց։

— Քարոզիչ Բուրդալուն լիներ, չէր խնայի մարդուն, իսկ դուք խնայեցիք մարդուն և ինձ դատեցիք մարդավարի։ Ի պատիժ ինձ, և որպեսզի ցույց տամ, որ զգացված եմ, հարյուր հիսուն ռուբլի չեմ ուզում, ինձ միայն քսանհինգ ռուբլի տվեք, և բավական է։ Ահա ամենը, ինչ ինձ հարկավոր է առնվազն երկու շաբաթվա համար։ Երկու շաբաթից շուտ փող ուզելու չեմ գա։ Ուզում էի Ագաշկային մի քիչ զվարճացնել, բայց նա արժանի չէ դրան։ Օ, սիրելի իշխան, աստված օրհնի ձեզ։

Վերջապես ներս մտավ հենց նոր վերադարձած Լեբեդևը, և Կելլերի ձեռքին նկատելով քսանհինգռուբլիանոցը, խոժոռվեց։ Բայց Կելլերը փողի տեր դառնալով, արդեն շտապում էր դուրս և անմիջապես աննկատելի հեռացավ։ Լեբեդևն իսկույն սկսեց չարախոսել նրա մասին։

— Դուք արդարացի չեք, նա իրոք անկեղծորեն զղջում էր,― վերջապես նկատեց իշխանը։

— Բայց ախր զղջման մեջ ի՞նչ կա։ Ճիշտ և ճիշտ ինչպես երեկ ես․ «ստո՛ր եմ, ստո՛ր», բայց ախր լոկ խոսքեր են։

— Ուրեմն դուք լոկ խոսքե՞ր էիք ասում։ Իսկ ես կարծեցի...

— Դե, ձեզ, միմիայն ձեզ կհայտնեմ ճշմարտությունը, որովհետև դուք թափանցում եք մարդու մեջ. և խոսքերը, և գործը, և սուտը, և ճշմարտությունը, այս բոլորը իմ մեջ միասին է և միանգամայն անկեղծ։ Իմ մեջ ճշմարտությունն ու գործը կայանում են անկեղծ զղջման մեջ, իսկ խոսքերն ու սուտը կայանում են այն դժոխային (և միշտ հատուկ) մտքի մեջ, թե ինչպես լինի, որ այստեղ էլ որսամ մարդուն, ինչպես լինի, որ զղջման արցունքով էլ շահեմ։ Աստվա՛ծ վկա, այդպես է։ Ուրիշին չէի ասի. կծիծաղի կամ կթքի, բայց դուք, իշխան, դուք մարդավարի կդատեք։

— Ահա ճիշտ և ճիշտ նույնն էր ասում ինձ նա հիմա,— բացականչեց իշխանը,— և կարծես թե դուք երկուսդ էլ պարծենում եք։ Դուք նույնիսկ զարմացնում եք ինձ, միայն նա ձեզնից ավելի անկեղծ է, իսկ դուք իսկական արհեստ եք դարձրել։ Դե, բավական է, մի կնճռոտվեք, Լեբեդև, և ձեռներդ սրտիդ մի դրեք։ Որևէ բան չե՞ք ասի ինձ։ Դուք զուր տեղը ներս եկողը չեք․․․

Լեբեդևը սկսեց ծամածռվել և կուչուձիգ անել։

— Ես ամբողջ օրն սպասում էի ձեզ, որպեսզի մի հարց տայի, կյանքում գոնե մի անգամ առաջին խոսքից ճիշտ պատասխանեցեք․ որևէ չափով մասնակցե՞լ եք երեկվա այդ կառքին, թե ոչ։

Լեբեդևը նորից ծամածռվեց, սկսեց քրքջալ, ձեռքերն էր շփում, վերջապես, նույնիսկ, սկսեց փռշտալ, բայց դեռ սիրտ չէր անում որևէ բան ասել։

— Տեսնում եմ, որ մասնակցել եք։

— Բայց կողմնակի, միմիայն կողմնակի կերպով։ Կատարյալ ճշմարտությունն եմ ասում։ Միայն նրանով եմ մասնակցել, որ հայտնի անձնավորությանը Ժամանակին հայտնել եմ, որ ինձ մոտ այդպիսի կամպանիա է հավաքվել և, որ ներկա են որոշ անձնավորություններ։

— Ես գիտեմ, որ դուք ձեր որդուն այնտեղ եք ուղարկել, նա ինքն է քիչ առաջ ասել ինձ, բայց այդ ի՞նչ բանսարկություն է,— անհամբեր բացականչեց իշխանը։

— Իմ բանսարկությունը չէ, իմը չէ,— իրենից հեռացնում էր Լեբեդևը,― այստեղ ուրիշներն են, ուրիշները, և ավելի շուտ, այսպես ասած, երևակայություն է, քան բանսարկություն։

— Բայց բանն ի՞նչ է, բացատրեցեք, ի սեր Քրիստոսի։ Մի՞թե չեք հասկանում, որ դա ուղղակի ինձ է վերաբերում։ Չէ՞ որ այստեղ Եվգենի Պավլովիչին են սևացնում։

— Իշխա՜ն։ Ամենապայծառափա՜յլ իշխան,— նորից կուչուձիգ արեց Լեբեդևը,— ախր դուք թույլ չեք տալիս ասելու ամբողջ ճշմարտությունը, չէ՞ որ ես արդեն սկսել եմ ճշմարտությունն ասել. շատ անգամ եմ փորձել. դուք թույլ չեք տվել շարունակել...

Իշխանը փոքր-ինչ լռեց ու միտք արեց։

— Դե լավ, ասացեք ճշմարտությունը,― ծանր արտասանեց նա, ըստ երևույթին մեծ պայքարից հետո։

— Ագլայա Իվանովնան...— անմիջապես սկսեց Լեբեդևը։

— Լռեցեք, լռեցեք,— կատաղի գոչեց իշխանը, ամբողջովին կարմրելով զայրույթից, գուցե նաև ամոթից։— Դա չի կարող պատահել, այդ ամենը ցնդաբանություն է։ Այդ ամենը դուք ինքներդ եք հնարել կամ ձեզ նման խելագարները։ Եվ այլևս երբեք դա չլսեմ ձեզանից։

Ուշ երեկոյան, արդեն ժամը տասնմեկին մոտ հայտնվեց Կոլյան մի լիք տոպրակ լուրերով։ Նրա լուրերը երկակի էին․ պետերբուրգյան և պավլովսկյան։ Նա հապճեպ պատմեց պետերբուրգյան գլխավոր լուրերը (գերազանցապես՝ Իպոլիտի և երեկվա պատմության մասին), պայմանով, որ հետո նորից անդրադառնա դրանց և շուտով անցավ պավլովսկյան լուրերին։ Երեք ժամ առաջ նա վերադարձել էր Պետերբուրգից և, առանց իշխանի մոտ անցելու, գնացել էր ուղղակի Եպանչինների մոտ։ «Այնտեղ սարսափելի բան է»։ Հասկանալի է, առաջին պլանի վրա կառքն է, բայց հավանաբար այստեղ էլի ինչ-որ բան է պատահել, այնպիսի մի բան, որ Կոլյային ու իշխանին հայտնի չէ. «Հասկանալի է, ես լրտեսություն չէի անում և ոչ ոքի հարցաքննել չէի ուզում։ Ասենք, ինձ լավ ընդունեցին, որ ես նույնիսկ չէի սպասում. բայց ձեր մասին, իշխան, ո՛չ մի խո՜սք»։ Ամենագլխավորը և հետաքրքիրն այն է, որ Ագլայան նորերդ յուրայինների հետ գժտվել է Գանյայի համար։ Թե գործն ինչ մանրամասնություններ է ունեցել, հայտնի չէ, բայց թե Գանյայի համար է եղել (պատկերացրե՜ք դա), և նույնիսկ սարսափելի են կռվում, նշանակում է, ինչ-որ կարևոր բան է։ Գեներալն ուշ եկավ, եկավ խոժոռված, եկավ Եվգենի Պավլովիչի հետ, որին հրաշալի ընդունեցին, իսկ Եվգենի Պավլովիչն ինքը զարմանալի ուրախ և սիրալիր է։ Իսկ ամենահիմնավոր լուրն այն է, որ Լիզավետա Պրոկոֆևնան, առանց մի աղմուկի, իր մոտ է կանչել օրիորդների մոտ նստած Վարվառա Արդալիոնովնային և մեկընդմիշտ վռնդել է նրան տնից, ի դեպ, ամենաքաղաքավարի ձևով,― «Վարյայից, իրենից իմացա»։ Բայց երբ Վարյան դուրս է եկել, Լիզավետա Պրոկոֆևնայի մոտից և հրաժեշտ է ավել աղջիկներին, նրանք իսկի չեն էլ իմացել, որ Վարյային ընդմիշտ արգելել են իրենց տուն մտնել և որ նա վերջին հրաժեշտ է տալիս նրանց։

— Բայց Վարվառա Արդալիոնովնան ժամը յոթին ինձ մո՞տ էր,— զարմացած հարցրեց իշխանը։

— Իսկ նրան վռնդել են ժամը ութին մոտ կամ ութին։ ես շատ եմ խղճում Վարյային, խղճում եմ Գանյային․․․ նրանք, անկասկած, մշտական բանսարկություններ ունեն, առանց դրանց անհնար է։ Եվ երբեք չեմ կարողացել իմանալ, թե ինչ են նյութում, և չեմ ուզում իմանալ։ Բայց հավատացնում եմ ձեզ, իմ սիրելի, բարի իշխան, որ Գանյայի մեջ սիրտ կա։ Նա, իհարկե, շատ տեսակետներից կորած մարդ է, բայց շատ տեսակետներից նրա մեջ կան այնպիսի գծեր, որոնք արժե փնտրել գտնելու համար, և ես երբեք չեմ ների ինձ, որ առաջ նրան չէի հասկանում... Չգիտեմ, արդյոք շարունակե՞մ հիմա, Վարյայի պատմությունից հետո։ Ճիշտ է, սկզբից ևեթ բոլորովին անկախ և առանձին դիրքի վրա եմ դրել, բայց և այնպես, պետք է կշռադատել։

― Դուք զուր եք չափից ավելի խղճում ձեր եղբորը,— նկատեց իշխանը,— եթե բանն այդտեղ է հասել, նշանակում է Լիզավետա Պրոկոֆևնայի աչքում Գավրիլա Արգալիոնովիչը վտանգավոր է, ուրեմն նրա որոշ հույսերը հաստատվում են։

― Ինչպե՜ս, ինչ հույսեր,— զարմացած գոչեց Կոլյան,— հո չե՞ք կարծում, որ Ագլայան... դա չի կարող պատահել։

Իշխանը լռեց։

— Դուք սարսափելի սկեպտիկ եք, իշխան,— մի երկու րոպե անց ավելացրեց Կոլյան,— ես նկատում եմ, որ որոշ ժամանակից ի վեր դուք չափազանց սկեպտիկ եք դառնում, դուք սկսում եք ոչնչի չհավատալ և ամեն ինչ ենթադրել․․․ իսկ այս դեպքում ես ճի՞շտ գործածեցի «սկեպտիկ» բառը։

― Կարծում եմ, որ ճիշտ, թեև ինքս էլ հաստատ չգիտեմ։

— Բայց ես ինքս հրաժարվում եմ «սկեպտիկ» բառից, և նոր բացատրություն գտա,— բղավեց հանկարծ Կոլյան,— դուք ոչ թե սկեպտիկ եք, այլ խանդող։ Դուք դժոխային չափերով խանդում եք Գանյային դեպի հայտնի հպարտ մի օրիորդ։

Այդ ասելով, Կոլյան վեր թռավ և սկսեց հռհռալ այնպես ինչպես, նրան գուցե երբեք չէր հաջողվել ծիծաղել։ Տեսնելով, որ իշխանը ամբողջովին շիկնեց, Կոլյան ավելի սաստիկ ծիծաղեց, նրան շատ դուր եկավ այն միտքը, որ իշխանը խանդում է Ագլայային, բայց նա անմիջապես լռեց, նկատելով, որ իշխանն անկեղծորեն վշտացավ։ Ապա նրանք շատ լուրջ ու մտահոգված զրուցեցին ևս մեկ կամ մեկուկես ժամ։

Հաջորդ օրը մի անհետաձգելի գործով իշխանը ամբողջ առավոտն անցկացրեց Պետերբուրգում։ Կեսօրվա ժամը հինգին վերադառնալով Պավլովսկ, երկաթուղու կայարանում նա հանդիպեց Իվան Ֆյոդորովիչին։ Սա արագ բռնեց իշխանի ձեռքը, կարծես թե վախեցած նայեց շռւրջը, և իշխանին իր հետ քարշ տվեց առաջին կարգի վագոն, որպեսզի միասին գնան։ Նա այրվում էր ինչ֊որ կարևոր բանի մասին խոսելու ցանկությունից։

— Նախ և առաջ, սիրելի իշխան, մի բարկացիր ինձ վրա, և եթե իմ կողմից մի բան եղել է, մոռացիր։ Ես ինքս դեռ երեկ կանցնեի քեզ մոտ, բայց չգիտեի, թե դրան ինչպես կնայեր Լիզավետա Պրոկոֆևնան... Իմ տունը... ուղղակի գժոխք է, խորհրդավոր սֆինքս է մտել այնտեղ, իսկ ես շրջում եմ, ոչինչ չեմ հասկանում։ Ինչ վերաբերում է քեզ, ապա իմ կարծիքով դու մեր բոլորից ամենից քիչ ես մեղավոր, թեև, իհարկե, քո պատճառով շատ բան ստացվեց։ Գիտե՞ս ինչ, իշխան, ֆիլանտրոպ լինելը հաճելի է, բայց ոչ այնքան։ Երևի ինքդ արդեն ճաշակել ես պտուղները։ Ես, իհարկե, սիրում եմ բարությունը և հարգում եմ Լիզավետա Պրոկոֆևնային, բայց...

Գեներալը դեռ երկար շարունակում էր այդ ոգով, բայց նրա բառերը զարմանալի անկապ էին։ Երևում էր, որ նա չափազանց ցնցված ու շփոթված է իր համար ծայրահեղորեն անհասկանալի մի բանից։

— Ես կասկած չունեմ, որ գու այստեղ խառը չես,— վերջապես ավելի պարզ արտահայտվեց նա,— բայց միառժամանակ մեզ մի այցելիր, ընկերաբար խնդրում եմ քեզ, մինչև քամու ուղղությունը փոխվի։ Ինչ վերաբերում է Եվգենի Պավլովիչին,— բղավեց նա անսովոր եռանդով,— ապա այդ ամենը անմիտ զրպարտություն է, զրպարտություն զրպարտությանց։ Դա չարախոսություն է, այստեղ բանսարկություն է, ամեն ինչ քանդելու և մեզ գժտեցնելու ցանկություն։ Տեսնո՞ւմ ես, իշխան, ականջիդ եմ ասում, մեր և Եվգենի Պավլովիչի մեջ դեռ ոչ մի խոսք չի եղել, հասկանո՞ւմ ես։ Մենք ոչնչով կապված չենք, բայց այդ խոսքր կարող է ասվել, և նույնիսկ շուտով, և նույնիսկ, կարող է պատահել, շատ շուտով։ Ահա ուրեմն, որպեսզի վնասեն։ Իսկ թե ինչու, ինչ պատճառով՝ չեմ հասկանում։ Զարմանալի կին է, էքսցենտրիկ կին, նրանից այնքան եմ վախենում, որ հազիվ եմ քնում։ Եվ ի՜նչ կառք է, սպիտակ ձիեր, չէ՞ որ դա շիկ է, չէ՞ որ դա հենց այն է, ինչը ֆրանսերեն կոչվում է շի՜կ։ Այդ ո՞վ է նրան տվել։ Աստված վկա, մեղք գործեցի, երեք օր առաջ մտքովս անցկացրի, թե Եվգենի Պավլովիչը։ Բայց բանից դուրս է գալիս, որ չի էլ կարող պատահել, իսկ եթե չի կարող պատահել, ապա նա ինչո՞ւ է ուզում այստեղ խանգարել։ Ահա, ահա խնդիրը։ Որպեսզի իր մոտ պահի Եվգենի Պավլովիչի՞ն։ Բայց կրկնում եմ քեզ, ահա խաչը վկա, որ Եվգենի Պավլովիչը նրա հետ ծանոթ չէ և որ այդ մուրհակները հնարած բան են։ Եվ այդպիսի անպատկառությամբ փողոցի մի ծայրից մյուսը նրան դու է բղավում։ Զուր դավադրություն։ Պարզ բան է, որ պետք է բացասել արհամարհանքով, իսկ Եվգենի Պավլովիչի նկատմամբ կրկնապատկել հարգանքը։ Այդպես էլ ասացի Լիզավետա Պրոկոֆևնային։ Հիմա քեզ կասեմ իմ ամենաթաքուն միտքը. ես համառորեն համոզված եմ, որ նա այդ անում էր անձնապես ինձ վրեժխնղիր լինելու համար, հիշո՞ւմ ես, առաջվանի համար, թեև ես երբեք և ոչ մի բանում նրա առաջ մեղավոր չեմ եղել։ Շիկնում եմ լոկ հիշելուց։ Հիմա ահա նա կրկին հայտնվեց։ Ես կարծում էի, բոլորովին անհայտացել է, իսկ որտե՞ղ է նստում այդ Ռոդոժինը, ասացեք խնդրեմ։ Ես կարծում էի, այդ կինը արդեն վաղուց տիկին Ռոգոժինա է։

Մի խոսքով, մարդը խիստ շշկլվել էր։ Գրեթե մի ամբողջ ժամ տևող ճանապարհին միայն նա էր խոսում, հարցեր էր տալիս, ինքն էլ լուծում դրանք, սեղմում էր իշխանի ձեռքը, ու թերևս, հենց միայն այն բանում համոզեց իշխանին, որ մտքովն էլ չի անցկացնում որևէ բանում կասկածել նրան։ Դա իշխանի համար կարևոր էր։ Նա վերջացրեց Եվգենի Պավլովիչի հարազատ հորեղբոր մասին պատմելով, որը Պետերբուրգում ինչ֊որ գրասենյակի պետ է,— «աչքի ընկնող տեղում, յոթանասուն տարեկան, կենսասեր, խորտկասեր և առհասարակ հաճոյակատար մի ծերուկ է... Հա՜-հա՜։ Ես գիտեմ, որ նա լսել է Նաստասյա Ֆիլիպովնայի մասին և նույնիսկ ջանացել է մտերմանալ։ Նորերս գնացի նրա մոտ. չի ընդունում, տկար է, բայց հարուստ է, հարուստ, կշիռ ունի և... աստված նրան երկար կյանք տա, բայց և այնպես՝ էլի ամեն ինչ Եվգենի Պավլովիչին կմնա․․․ այո, այո... իսկ ես այնուամենայնիվ վախենում եմ... Կարծես օդում մի բան է թևածում, կարծես թե չղջիկ, դժբախտություն է թռչում, և վախենում եմ, վախենում․․․»։

Եվ, վերջապես, միայն երրորդ օրը, ինչպես արդեն գրել էինք վերը, տեղի ունեցավ Եպանչինների ձևական հաշտությունը իշխան Լև Նիկոլաևիչի հետ։


XII

Կեսօրվա ժամը յոթն էր. իշխանը պատրաստվում էր գնալ զբոսայգի։ Հանկարծ Լիզավետա Պրոկոֆևնան մենակ մտավ նրա պատշգամբը։

Նախ և առաջ, չհամարձակվես մտքովդ անցկացնել,— ասաց նա,— որ քեզ մոտ եկել եմ ներողություն խնդրելու։ Դատարկ բան։ Ամեն ինչում դու ես մեղավոր։

Իշխանը լուռ էր։

— Մեղավո՞ր ես, թե՞ ոչ։

— Նույնքան, որքան և դուք։ Ասենք, ոչ ես, ոչ դուք, մենք երկուսս էլ ոչ մի բանում դիտավորյալ մեղավոր չենք։ Ես երեք օր աոաջ ինձ մեղավոր էի համարում, իսկ հիմա մտածեցի, որ դա այդպես չէ։

— Ա՜յ թե դու ինչպես։ Դե լավ. ուրեմն լսիր և նստիր, որովհետև ես մտադիր չեմ կանգնելու։

երկուսն էլ նստեցին։

Երկրորդ՝ ոչ մի խոսք չարամիտ անպիտան տղաների մասին։ Ես կնստեմ ու քեզ հետ կխոսեմ տասը րոպե. ես եկել եմ քեզ մոտ տեղեկանք ստանալու (իսկ դու աստված գիտի, թե ի՞նչ էիր կարծում), և եթե դու գեթ մի ծպտուն հանես հանդուգն անպիտան տղաների մասին, ես վեր եմ կենում և գնում եմ, և արդեն ընդմիշտ քեզ հետ խզում կապերս։

— Լավ,— պատասխանեց իշխանը։

— Թույլ տուր քեզ հարցնելու, մի երկու կամ երկուսուկես ամիս առաջ, զատկի տոների մոտ դու բարեհաճե՞լ ես Ագլայային նամակ ուղարկել։

— Գը֊գրել եմ։

— Իսկ ի՞նչ նպատակով։ Ի՞նչ կար նամակում։ Ցույց տուր նամակը։

Լիզավետա Պրոկոֆևնայի աչքերը բոցավառվում էին անհամբերությունից, նա համարյա դողում էր։

— Ինձ մոտ նամակ չկա,— սաստիկ զարմացավ ու վախվորեց իշխանը,— եթե կա և դեռ չի ոչնչացված, ապա Ագլայա Իվանովնայի մոտ է։

— Պոչ մի՛ խաղացրու։ Ինչի՞ մասին էիր գրել։

— Ես պոչ չեմ խաղացնում և ոչնչից չեմ վախենում։ Ես պատճառ չեմ գտնում, թե ինչու չպիտի գրեի...

— Լռի՛ր։ Հետո կխոսես։ Ի՞նչ կար նամակում։ Ինչո՞ւ կարմրեցիր։

Իշխանը փոքր֊ինչ մտածեց։

— Ես չգիտեմ ձեր մտքերը, Լիզավետա Պրոկոֆևնա։

Միայն տեսնում եմ, որ այդ նամակը ձեզ բոլորովին դուր չի գալիս։ Համաձայնեցեք, որ ես կարող էի հրաժարվել այդպիսի հարցին պատասխանելուց, բայց որպեսզի ձեզ ցույց տամ, որ ես նամակի համար չեմ վախենում և չեմ ափսոսում, որ գրել եմ, և բնավ չեմ կարմրում դրա համար (իշխանը համարյա կրկնակի կարմրեց), ես ձեզ կկարդամ այդ նամակը, որովհետև, կարծես, անգիր հիշում եմ։

Այդ ասելով, իշխանը գրեթե բառ առ բառ կարդաց այդ նամակը, ինչպես որ գրված էր։

― Ինչպիսի՜ բարբաջանք։ Քո կարծիքով ի՞նչ կարող է նշանակել այդ դատարկաբանությունը,— խիստ հարցրեց Լիզավետա Պրոկոֆևնան, արտասովոր ուշադրությամբ լսելով նամակը։

— Ինքս էլ չգիտեմ լիովին․ գիտեմ, որ զգացմունքս անկեղծ էր։ Այնտեղ կյանքով ու հույսերով լի րոպեներ էի ունենում։

— Ի՞նչ հույսերով։

― Դժվար է բացատրել, միայն ոչ այնպիսի հույսերով, ինչպես գուցե հիմա դուք կարծում եք... Դե, մի խոսքով ապագայի հույսերով և այն ուրախությամբ, որ, գուցե, ես այնտեղ օտար չեմ, օտարերկրացի չեմ։ Հայրենիքը հանկարծ ինձ շատ դուր եկավ։ Մի արևոտ առավոտ ես գրիչ վերցրի ու նամակ գրեցի նրան, ինչու նրան՝ չգիտեմ։ Չէ՞ որ մարդ երբեմն ուզում է կողքին մտերիմ ունենալ, ըստ երևույթին, ես էլ ուղեցա մտերիմ ունենալ․․․― փոքր-ինչ լռելով ավելացրեց իշխանը։

—— Սիրահարվա՞ծ ես, ինչ է։

— Ո-ոչ։ Ես... ես գրել եմ ինչպես քրոջ, ես նույնիսկ ստորագրել եմ եղբայր։

— Հը՛մ, դիտմամբ. հասկանամ եմ։

— Ինձ համար շատ ծանր է այդ հարցերին պատասխանել, Լիզավետա Պրոկոֆևնա։

— Գիտեմ, որ ծանր է, բայց բոլորովին իմ գործը չէ, որ քեզ համար ծանր է։ Լսիր, պատասխանիր ինձ ճշմարիտը, ինչպես աստծու առաջ, դու ինձ խաբո՞ւմ ես, թե չես խաբում։

— Չեմ խաբում։

— Ճի՞շտ ես ասում, որ սիրահարված չես։

— Կարծես, միանգամայն ճիշտ։

― Մի տե՜ս, «կարծես»։ Անպիտան տղա՞ն է հանձնել։

— Ես խնդրել եմ Նիկոլայ Արդալիոնովիչին․․․

— Անպիտան տղա՜ է։ Անպիտան տղա,— ազարտով ընդհատեց Լիզավետա Պրոկոֆևնան,― բոլորովին չգիտեմ, թե այդ ինչ Նիկոլայ Արդալիոնովիչ է։ Անպիտան տղա է։

— Նիկոլայ Արդալիոնովիչը․․․

— Անպիտան աղա է, ասում եմ քեզ։

— Ոչ, ոչ թե անպիտան տղա, այլ Նիկոլայ Արդալիոնովիչ,— հաստատ, թեև բավական կամացուկ պատասխանեց, վերջապես, իշխանը։

— Դե լա՜վ, աղավնյակս, լա՜վ։ Ես քեզ կհիշեցնեմ դա։

Մի րոպե նա հաղթահարում էր իր հումունքը և հանգստանում էր։

— Իսկ ի՞նչ բան է «աղքատ ասպետը»։

— Բոլորովին չգիտեմ. դա առանց ինձ է եղել, որևէ կատակ կլինի։

— Հաճելի է հանկարծ իմանալ։ Միայն մի՞թե նա կարող էր քեզնով հետաքրքրվել։ Չէ՞ որ նա ինքն էր քեզ «այլանդակիկ» և «ապուշ» անվանում։

— Դուք կարող էիք այդ բանն ինձ չհայտնել,— կշտամբալի, համարյա շշուկով նկատեց իշխանը։

— Մի՛ նեղանա։ Ինքնիշխան, խենթ, երես առած աղջիկ է, եթե սիրի, անպայման բարձրաձայն կնախատի և երեսին կծաղրի։ Ես ճիշտ նույնպիսին էի։ Միայն, խնդրեմ, մի ցնծա, աղավնյակս, քոնը չի. հավատալ չեմ ուզում դրան, և երբեք չի լինի։ Նրա համար եմ ասում, որ դու հենց հիմա միջոցների դիմես։ Լսիր, երդվիր, որ դու ամուսնացած չես այն կնոջ հետ։

— Լիզավետա Պրոկոֆենա, ի՞նչ եք ասում, ի սեր ասածու,— քիչ մնաց տեղից վեր թռչեր իշխանը զարմանքից։

— Բայց ախր քիչ մնաց ամուսնպնայի՞ր։

— Քիչ մնաց ամուսնանայի,— շշնջաց իշխանը և գլուխը կախեց։

— Ինչ, ուրեմն նրա՞ն ես սիրահարված, եթե այդպես է։ Հիմա նրա՞ համար ես եկել։ Այդ կնո՞ջ։

— Ես նրա համար չեմ եկել որ ամուսնանամ,— պատասխանեց իշխանը։

— Քեզ համար որևէ է սրբություն կա՞ աշխարհիս երեսին։

— Կա։

— Երդվիր, որ նրա հետ ամուսնանալու չես եկել։

— Երդվում եմ ինչով կուզեք։

— Հավատում եմ. համբուրիր ինձ։ Վերջապես ազատ շնչեցի. բայց գիտցիր, Ագլայան քեզ չի սիրում, միջոցների դիմիր, և նա քեզ մարդու չի գնա, քանի դեռ ես ապրում եմ աշխարհի երեսին։ Իմացա՞ր։

— Իմացա։

Իշխանն այն աստիճան կարմրում էր, որ չէր կարող ուղիղ նայել Լիզավետա Պրոկոֆևնային։

— Ուրեմն ականջիդ օղ արա։ Ես քեզ սպասում էի ինչպես նախախնամություն (դրան արժանի չէի՜ր դու), գիշերները բարձս արցունքով էի ողողում, ոչ թե քեզ համար, աղավնյակս, մի անհանգստացիր, ես իմ, ուրիշ, վիշտն ունեմ, հավիտենական ու միշտ միևնույն։ Բայց ահա թե ինչու էի քեզ այդպիսի անհամբերությամբ սպասում. ես դեռ շարունակում եմ հավատալ, որ աստված ինքն է քեզ ուղարկել ինձ որպես բարեկամ և որպես հարազատ եղբայր։ Մոտս ոչ ոք չկա, բացի պառավ Բելոկոնսկայայից, բայց նա էլ թռավ֊գնաց, համ էլ պառավությունից ոչխարի պես հիմարացել է։ Հիմա պատասխանիր ուղղակի այո կամ ոչ. գիտե՞ս թե երեք օր առաջ նա ինչու էր բղավում կառքից։

— Ազնի՛վ խոսք, որ ես դրանում չեմ մասնակցել և ոչինչ չգիտեմ։

— Բավական է, հավատում եմ։ Հիմա ես էլ ուրիշ մտքեր ունեմ այդ մասին, բայց դեռ երեկ, առավոտյան, ամեն ինչում մեղադրում էի Եվգենի Պավլովիչին։ Երեք օր առաջվա ամբողջ օր ու գիշերը և երեկ առավոտյան։ Հիմա, իհարկե, չեմ կարող չհամաձայնել նրանց հետ. ակնհայտ է, որ այստեղ նրա վրա, ինչպես հիմարի, ծիծաղել են չգիտես ինչու, ինչ պատճառով, ինչի համար (լոկ սա արդեն կասկածելի է, և բարետեսիլ չէ), բայց Ագլայան չի լինի նրա կինը, ասում եմ սա քեզ։ Շատ էլ որ նա լավ մարդ է, բայց դա այդպես էլ կլինի։ Ես առաջ էլ տատանվում էի, իսկ հիմա արդեն հաստատ որոշեցի․ «Առաջ ինձ դագաղ դրեք և թաղեցեք հողում, իսկ հետո աղջկանս ամուսնացրեք», ահա ինչ ասացի կտրուկ Իվան Ֆյոդորովիչին այսօր։ Տեսնո՞ւմ ես, ինչ եմ վստահում քեզ, տեսնո՞ւմ ես։

— Տեսնում եմ և հասկանում։

Լիզավետա Պրոկոֆևնան թափանցող հայացքով ուշադիր նայում էր իշխանին. գուցե ուզում էր իմանալ, թե նրա վրա ինչ տպավորություն է գործում Եվգենի Պավլովիչի մասին լսած լուրը։

— Գավրիլա Իվոլգինի մասին ոչի՞նչ չգիտես։

— Այսինքն․․․ շատ բան գիտեմ։

— Գիտեի՞ր, թե ոչ, որ նա հարաբերությունների մեջ է Ագլայայի հետ։

— Բոլորովին չգիտեի,— զարմացավ և նույնիսկ ցնցվեց իշխանը,— ինչպե՞ս, դուք ասում եք, Գավրիլա Արդալիոնովիչը հարաբերությունների մեջ է Ագլայա Իվանովնայի հե՞տ։ Չի՛ կարող պատահել։

— Բոլորովին վերջերս։ Այստեղ քույրը ամբողջ ձմեռ նրա համար ճանապարհ էր բացում, աշխատում էր առնետի պես։

— Ես չեմ հավատում,— հաստատ կրկնեց իշխանը որոշ մտմտուքից ու հուզմունքից հետո։— Եթե դա լիներ, հավանաբար ես կիմանայի։

― Չլինի՞ թե նա ինքը կգար և կրծքիդ վրա արցունք թափելով կխոստովաներ։ Է՜խ, դու, պարզամի՜տ, պարզամի՜տ։ Բոլորը քեզ խաբում են ինչպես... ինչպես... Եվ չե՞ս ամաչում, որ նրան հավատ ես ընծայում։ Մի՞թե չես տեսնում, որ նա ամեն ձևով քեզ պլոկել է։

— Ես լավ գիտեմ, որ նա երբեմն ինձ խաբում է,— դժկամությամբ արտասանեց իշխանը կիսաձայն,— և նա գիտի, որ ես գիտեմ այդ...— ավելացրեց նա և խոսքը կիսատ թողեց։

— Գիտենալ և հավա՜տ ընծայել։ Այդ էր պակաս։ Ասենք, քո կողմից այդպես էլ պիտի լինի։ Իսկ ե՞ս ինչու եմ զարմանում։ Տեր աստված։ Եղե՞լ է արդյոք մի ուրիշ այսպիսի մարդ։ Թո՛ւհ։ Իսկ գիտե՞ս, որ այդ Գանկան կամ այդ Վարկան, նրան հարաբերության մեջ են դրել Նաստասյա Ֆիլիպովնայի հետ։

— Ո՞ւմ,— բացականչեց իշխանը։

— Ագլայային։

— Չե՛մ հավատում։ Դա չի կարող պատահել։ Իսկ ի՞նչ նպատակով։

Նա վեր թռավ աթոռից։

— Ես էլ չեմ հավատում, թեև հանցանշաններ կան։ Ինքնակամ աղջիկ է, ֆանտաստիկ աղջիկ է, խելագար աղջիկ է։ Չար, չար, չար աղջիկ է։ Հազար տարի կպնդեմ, որ չար է։ Հիմա իմ բոլոր աղջիկներն այդպես են, նույնիսկ այդ թրջված հավը, Ալեքսանդրան, բայց այս մեկն արդեն բոլորովին դուրս է պրծել ձեռքիցս։ Բայց ես չեմ հավատում։ Գուցե նրա համար, որ չեմ ուզում հավատալ,— ավելացրեց նա կարծես թե ինքն իր մեջ։— Ինչո՞ւ չէիր գալիս,— հանկարծ նորից դարձավ նա իշխանին։— Ամբողջ երեք օր ինչո՞ւ չէիր գալիս,— անհամբեր բղավեց նրա երեսին մի անգամ ևս։

Իշխանն սկսեց պատմել իր պատճառները, բայց նա նորից ընդհատեց։

— Բոլորը քեզ հիմարի տեղ են դնում և խաբում են։ Դու երեկ քաղաք ես գնացել. գրազ կգամ, ծունկի ես եկել, խնդրել ես այդ սրիկային տասը հազարն ընդունել։

— Բոլորովին ոչ, մտքովս էլ չի անցել։ Նույնիսկ չեմ տեսել նրան և, բացի այդ, նա սրիկա չէ։ Ես նրանից նամակ եմ ստացել։

— Ցո՛ւյց տուր նամակը։

Իշխանը թղթապանակից մի տոմսակ հանեց և տվեց Լիզավետա Պրոկոֆևնային։ Տոմսակում գրված էր.

«Ողորմած տեր, ես, իհարկե, մարդկանց աչքում նվազագույն իսկ իրավունք չունեմ ինքնասիրություն ունենալու։ Մարդկանց կարծիքով ես չափազանց չնչին եմ դրա համար։ Բայց դա մարդկանց աչքում և ոչ թե ձեր։ Ես շատ համոզվեցի, որ դուք, ողորմած տեր, գուցե ավելի լավն եք, քան ուրիշները։ Ես համաձայն չեմ Դոկտորենկոյի հետ և տարակարծիք եմ նրա այդ համոզմանը։ Ես ձեզնից երբեք չեմ վերցնի ոչ մի կոպեկ, բայց դուք օգնել եք իմ մորը, և դրա համար ես պարտավոր եմ ձեզ շնորհապարտ լինել, թեպետև թուլությանս պատճառով։ Համենայն դեպս, ես ձեզ վրա այլ կերպ եմ նայում և հարկ համարեցի ձեզ տեղեկացնել։ Եվ ապա ենթադրում եմ, որ մեր մեջ այլևս ոչ մի հարաբերություն չի կարող լինել։ Անտիպ Բուրդովսկի»։

«P․S․ երկու հարյուր հիսուն ռուբլուց պակասած գումարը ժամանակի ընթացքում լրիվ կվճարվի ձեզ»։

— Ա՜յ թե խառնաշփոթություն է,— եզրակացրեց Լիզավետա Պրոկոֆևնան, ետ շպրտելով տոմսակը,— նույնիսկ չարժեր կարդալ։ Ի՞նչ ես քմծիծաղ տալիս։

— Համաձայնեցեք, որ ձեզ համար էլ հաճելի էր կարդալը։

— Ինչպե՜ս։ Սնափառությամբ տառապող այս բարբաջանքը։ Մի՞թե դու չես տեսնում, որ նրանք բոլորը խելքները թռցրել են հպարտությունից ու սնափառությունից։

— Այո, բայց համենայն դեպս նա մեղա է եկել, կապերը խզել է Դոկտորենկոյի հետ, և նույնիսկ որքան ավելի փառասեր է, այդքան ավելի թանկ է նստել դա նրա փառասիրությանը։ Օ, ինչպիսի՜ փոքրիկ երեխա եք դուք, Լիզավետա Պրոկոֆևնա։

— Ինչ է, դու վերջ ի վերջո մտադիր ես ինձնից ապտա՞կ ստանալ։

— Ոչ, բոլորովին մտադիր չեմ։ Այլ նրա համար, որ դուք ուրախ եք տոմսակի համար, բայց թաքցնում եք այդ։ Ինչո՞ւ եք ամաչում ձեր զգացմունքներից։ Ախր դուք ամեն բանում այդպես եք։

— Հիմա չհամարձակվես ոտք դնել շեմս,— վեր թռավ Լիզավետա Պրոկոֆևնան, զայրույթից գունատվելով,— սրանից հետո երբեք իզ ու թոզդ էլ չլինի իմ տանը։

— Իսկ երեք օր հետո ինքներդ կգաք և կկանչեք ձեզ մոտ... Է, ինչպե՞ս չեք ամաչում։ Դրանք ձեր լավագույն զգացմունքներն են, ինչո՞ւ եք ամաչում դրանցից։ Չէ՞ որ միայն տանջում եք ինքներդ ձեզ։

— Մեռնեմ, երբե՛ք չեմ կանչի։ Անունդ կմոռանամ։ Արդեն մոռացա։

Նա դուրս նետվեց իշխանի մոտից։

— Առանց ձեզ էլ ինձ արդեն արգելել են ձեզ մոտ գալը,— բղավեց նրա հետևից իշխանը։

— Ի֊ի՞նչ։ Ո՞վ է արգելել ձեզ։

Նա վայրկենաբար շուռ եկավ, կարծես ասեղով ծակեցին նրան։ Իշխանը տատանվեց՝ պատասխանի՞, թե ոչ, նա զգաց, որ անզգուշաբար, բայց խոսք փախցրեց բերանից։

― Ո՞վ է արգելել քեզ,— կատաղորեն բղավեց Լիզավետա Պրոկոֆևնան։

— Ագլայա Իվանովնան է արգելում․․․

— Ե՞րբ։ Դե ա-ասա՛ տեսնե՜մ...

— Այսօր առավոտյան լուր էր ուղարկել, որ ես երբեք չհամարձակվեմ ձեզ մոտ գալ։

Լիզավետա Պրոկոֆևնան կանգնած էր քար կտրած, բայց նա միտք էր անում։

— Ի՞նչ էր ուղարկել։ Ո՞ւմ էր ուղարկել։ Անպիտան տղայի միջոցո՞վ, բերանացի՞,— նորից բացականչեց նա հանկարծ։

— Ես տոմսակ ստացա,— ասաց իշխանը։

— Ո՞ւր է։ Տո՛ւր, իսկույն։

Իշխանը մի րոպե մտածեց, սակայն ժիլետի գրպանից հանեց թղթի մի անփույթ պատառ, որի վրա գրված էր․

«Իշխան Լև Նիկոչաևիչ։ Եթե այն ամենից հետո, որ եղել է, դուք մտադիր եք ինձ զարմացնել մեր ամառանոցն այցելելով, ապա, համոզված եղեք, ինձ չեք գտնի ուրախացածների թվում։ Ագլայա Եպանչինա»։

Լիզավետա Պրոկոֆևնան մի րոպե կշռադատում էր․ հետո հանկարծ նետվեց դեպի իշխանը, բռնեց նրա ձեռքը և քարշ տվեց իր հետևից։

— Հիմա՛։ Ե՛կ։ Դիտմամբ հիմա, ա՛յս րոպեի՜ս,— բացականչեց նա արտասովոր հուզմունքի ու անհամբերության նոպայով։

— Բայց ախր դուք ինձ ենթարկում եք․․․

— Ինչի՞։ Անմեղ պարզասի՜րտ։ Կարծես իսկի տղամարդ չլինի։ Դե, հիմա ամեն ինչ ես ինքս կտեսնեմ, սեփական աչքերովս...

— Բայց թույլ տվեք, գոնե գլխարկս վերցնեմ...

— Ահա քո զզվելի գլխարկը, գնանք։ Չես կարողացել նույնիսկ ձևը ճաշակով ընտրել... Այդ նա... այդ նա նոր պատահածից հետո... տաք֊տաք,— մրթմրթում էր Լիզավետա Պրոկոֆևնան, քարշ տալով իր հետևից իշխանին և ոչ մի րոպե բաց չթողնելով նրա ձեռքը,— քիչ առաջ ես քեզ պաշտպան կանգնեցի, բարձրաձայն ասացի հիմար ես, որ չես գալիս... այլապես չէր գրի այսպիսի անմիտ տոմսակ։ Անվայելուչ տոմսակ։ Անվայելուչ՝ ազնիվ, դաստիարակված, խելացի, խելացի աղջկա համար․․․ Հը՛մ,— շարունակում էր նա,— դե իհարկե, ինքն էլ էր բարկանում, որ չես գալիս, միայն հաշվի չի առել, որ ապուշին այդպես գրել չի կարելի, որովհետև տառացիորեն կընդունի, ինչպես որ ստացվեց։ Ի՞նչ ես ականջ դնում,— բղավեց նա ուշքի գալով, որ խոսք թռցրեց։— Նրան քեղ նման ծաղրածու է պետք, վաղուց չի տեսել, ահա թե ինչու է խնդրում քեզ։ Եվ ես ուրախ եմ, ուրախ եմ, որ նա հիմա քեզ ձեռ կառնի։ Հենց դրան էլ արժանի ես։ Իսկ նա կարողանո՜ւմ է, օ, ինչպե՜ս է կարողանում։


Երրորդ մաս

I

Րոպեն մեկ գանգատվում են, թե մեզանում գործնական մարդիկ չկան, որ քաղաքագետ մարդիկ, օրինակ, շատ են. գեներալներ նույնպես շատ կան․ զանազան կառավարիչներ, ինչպիսիք ուզենաս, ինչքան որ պետք լինի, անմիջապես կարելի է ճարել, իսկ գործնական մարդիկ չկան։ Համենայն դեպս բոլորը գանգատվում են, որ չկան։ Նույնիսկ, ասում են, որոշ երկաթուղիներում կարգին սպասավորներ չկան. ասում են, ոչ մի կերպ հնարավոր չէ որևէ նավային ընկերության փոքրիշատե տանելի ադմինիստրացիա ստեղծել։ Լսում ես, մի տեղ, որևէ նորաբաց ճանապարհի վրա ընդհարվել կամ կամուրջի վրա խորտակվել են վագոնները, մի տեղ, գրում են, գնացքը համարյա ձմեռել է ձյունապատ դաշտում, մի քանի ժամվա ճանապարհ է եղել, բայց հինգ օր կանգնել մնացել են ձյան մեջ։ Մի տեղ, պատմում են, բազմահազար փթերով ապրանք է փտում նույն տեղում երկուական ու երեքական ամիս մնալով, սպասելով առաքման, իսկ մի տեղ էլ, ասում են (նույնիսկ մարդու հավատալը չի գալիս), մի վարչարար, այսինքն՝ ինչ-որ վերակացու, մի վաճառականի գործակատարի, որը պնդելիս է եղել, որ իր ապրանքներն առաքի, առաքման վախարեն «վարչարարություն է արել» գործակատարի ատամներին, և դեռ իր վարչարարական արարքը բացատրել է նրանով, որ ինքը «տաքացել է»։ Թվում է, պետական ծառայության այնքան ատյաններ կան, որ նույնիսկ սարսափելի է մտածելը. բոլորը ծառայել են, բոլորը ծառայում են, բոլորը մատդիր են ծառայել, ուրեմն, թվում է, այդպիսի նյութից ինչպե՞ս կարելի է մի կարգին նավային ընկերության ադմինիստրացիա չկազմել։

Դրան երբեմն շաա հասարակ պատասխան են տալիս, այնքան հասարակ, որ նույնիսկ մարդ չի հավատում այդպիսի բացատրության։ Ճիշտ է, ասում են, մեզանում բոլորը ծառայել են կամ ծառայում են, և դա արդեն երկու հարյուր տարի է, ըստ գերմանական լավագույն օրինակի, ապուպապերից անցնում է ծոռներին, բայց ծառայողները հենց ամենաանգործնական մարդիկ են, և բանն այնտեղ է հասել, որ վերացականությունն ու գործնական գիտելիքի պակասը նույնիսկ բուն ծառայողների մեջ դեռ նորերս համարվում էին համարյա ամենամեծ առաքինությունն ու հանձնարարականը։ Ասենք, զուր տեղն սկսեցինք ծառայողների մասին խոսել, իսկապես ասած, մենք ուզում էինք խոսել գործնական մարդկանց մասին։ Այստեղ արդեն կասկած չկա, որ վախկոտությունն ու սեփական նախաձեռնության լիակատար պակասությունը մեզանում շարունակ համարվել է, նույնիսկ հիմա էլ համարվում է գործնական մարդու լավագույն հատկությունը։ Բայց ինչո՞ւ միայն մեզ մեղադրենք, եթե միայն այդ կարծիքը մեղադրանք համարելու լինենք։ Յուրօրինակության պակասությունը ամենուրեք էլ, ամբողջ աշխարհում, դարերից ի վեր միշտ համարվել է բանիմաց, գործնական ու պրակտիկ մարդու առաջին հատկությունը և լավագույն հանձնարարականը, և առնվազն մարդկանց իննսունինը հարյուրերորդականը (դա՝ առնվազը) միշտ այդ կարծիքին է եղել, և թերևս մարդկանց միայն մեկ հարյուրերորդականն է այլ կերպ նայել ու նայում։

Գյուտարարներն ու հանճարները դրեթե միշտ իրենց գործունեության սկզբում (իսկ շատ հաճախ նաև վերջում) հասարակության մեջ համարվել են ոչ ավելի, քան հիմարներ, սա արդեն բոլորին շատ ծանոթ ամենահնամոլ դիտողությունն է։ Եթե, օրինակ, տասնյակ տարիների ընթացքում բոլորն իրենց փողերը տանում էին լոմբարդ և միլիարդներ են տարել այնտեղ չորս տոկոսով, ապա հասկանալի է, երբ լոմբարդը դադարեց գոյություն ունենալուց և բոլորը մնացին սեփական նախաձեռնության հույսին, ապա այդ միլիոնների մեծ մասը պետք է անպայման ոչնչանար ակցիոներական տենդի մեջ և սրիկաների ձեռքում, և նույնիսկ այդպես էր պահանջում պատշաճությունը և բարեբարոյությունը։ Հենց բարեբարոյությունը. եթե մեզանում բարեբարո վեհերոտությունը և յուրօրինակության պատշաճ պակասը մինչև հիմա կազմում էին, ըստ ընդհանուրի կողմից ընդունված համոզման, բանիմաց և կարգին մարդու անկապտելի հատկությունը, ապա չափազանց անկարգ և նույնիսկ անպատշաճ բան կլիներ հանկարծ այդպես խիստ փոխվելը։ Օրինակ, իր զավակին քնքշորեն սիրող ո՞ր մայրը չի վախենա և վախից չի հիվանդանա, եթե նրա որդին կամ աղջիկը մի քիչ շեղվեն ճանապարհից. «Չէ, ավելի լավ է, թող երջանիկ լինի և ապրի լիության մեջ և առանց յուրօրինակության»,― մտածում է ամեն մի մայր, իր մանկանն օրորելիս։ Իսկ մեր դայակները, մանուկներին օրորելիս, վաղուց անտի մրմնջում ու երգում են. «Դու գեներալ կդառնաս ու ոսկու մեջ կլողաս»։ Այսպիսով, նույնիսկ մեր դայակները գեներալի աստիճանը համարել են ռուսի երջանկության գագաթնակետը և, նշանակում է, այդ աստիճանը եղել է հանգիստ, սքանչելի երանության ազգային ամենահանրամատչելի իդեալը։ Եվ հիրավի քննությունները միջակ տալուց և երեսունհինգ տարի ծառայելուց հետո մեզանում ո՞վ կարող էր վերջ ի վերջո, գեներալ չդառնալ և որոշ գումար չկուտակել լոմբարդում։ Այսպիսով, ռուս մարդը, գրեթե առանց որևէ ճիգի, վերջ ի վերջո հասնում էր բանիմաց ու գործնական մարդու կոչման։ Ըստ էության մեզանում գեներալ չդառնալ կարող էր միայն յուրօրինակ, այլ կերպ ասած անհանգիստ մարդը։ Թերևս այստեղ որոշ թյուրիմացություն կա, բայց, ընդհանրապես ասած, թվում է, սա ճիշտ է, և մեր հասարակությունը լիովին արդարացի էր գործնական մարդու իդեալը որոշելիս։ Այսուաամենայնիվ, մենք համենայն դեպս շատ ավելորդ բաներ ասացինք. այնինչ, իսկապես ասած, ուզում էինք մի քանի բացատրական խոսք ասել Եպանչինների մեզ ծանոթ ընտանիքի մասին։ Այդ մարդիկ կամ համենայն դեպս այդ ընտանիքի առավել դատող անդամները, մշտապես տառապում էին իրենց ընտանեկան համարյա ընդհանուր մի հատկությամբ, որ ուղիղ հակառակն էր այն առաքինությունների, որոնց մասին մենք հիմա դատողություններ էինք անում վերև։ Լիովին չհասկանալով փաստը (որովհետև դա դժվար է հասկանալ), այնուամենայնիվ նրանք երբեմն կասկածում էին, որ իրենց ընտանիքում ամեն ինչ մի տեսակ այնպես չի գնում, ինչպես բոլորի մոտ։ Բոլորի մոտ հարթ է, նրանց մոտ՝ խորդուբորդ, բոլորը գլորվում են ռելսերի վրայով, իրենք րոպեն մեկ դուրս են ընկնում ռելսերից։ Բոլորը ամեն րոպե բարեբարո կերպով վեհերում էին, իսկ իրենք՝ ոչ։ Լիզավետա Պրոկոֆևնան, ճիշտ է, նույնիսկ, չափազանց վախենում էր, բայց և այնպես դա այն բարձրաշխարհիկ բարեբարո վախը չէր, որի համար թախծում էին նրանք։ Սակայն կարող է պատահել, միայն Լիզավետա Պրոկոֆևնան էր անհանգստանում, աղջիկները դեռ ջահել էին, թեև շատ խորաթափանց ու ծաղրասեր մարդիկ, իսկ գեներալը թեպետև թափանցում էր (ի դեպ, ոչ առանց դժվարության), բայց դժվարին դեպքերում միայն հը՛մ էր անում, և վերջ ի վերջո ամբողջ հույսը դնում էր Լիզավետա Պրոկոֆևնայի վրա։ Կնշանակի հենց նրա վրա էլ ընկած էր պատասխանատվությունը։ Եվ այնպես չէր, որ այդ ընտանիքը, օրինակ, աչքի էր ընկնում իր որևէ սեփական նախաձեռնությամբ կամ ռելսերից դուրս էր ընկնում յուրօրինակության նկատմամբ ունեցած գիտակցական հակումից, որն արդեն բոլորովին անվայելուչ բան կլիներ։ Օ, ո՜չ։ Իսկապես ոչ մի այդպիսի բան չկար, այսինքն՝ գիտակցորեն դրված ոչ մի նպատակ, բայց և այնպես վերջ ի վերջո այնպես էր ստացվում, որ Եպանչինների ընտանիքը, թեև շատ հարգարժան, այնուամենայնիվ մի տեսակ այնպիսին չէր, ինչպիսին պետք է լինեին առհասարակ բոլոր հարգարժան ընտանիքները։ Վերջին ժամանակները Լիզավետա Պրոկոֆևնան սկսել էր ամեն ինչում մեղավոր համարել միայն իրեն և իր «դժբախտ» բնավորությունը, որից և շատացել էին նրա տառապանքները։ Նա ինքն էր ամեն րոպե իրեն անարգում «հիմար, անվայելուչ տարօրինակ կին» բառերով և տանջվում էր կասկածամտությունից, անընդհատ գլուխը կորցնում էր, ելք չէր գտնում իրերի մի որևէ ամենասովորական ընդհարումից և ամեն րոպե չափազանցնում էր դժբախտությունը։

Դեռ մեր պատմության սկզբում հիշատակել էինք, որ Եպանչինները վայելում էին ընդհանուր և իսկական հարգանք։ Նույնիսկ գեներալ Իվան Ֆյոդորովիչն ինքը, մութ ծագումով մի մարդ, անվիճելիորեն ու հարգանքով ընդունված էր ամեն տեղ։ Նա իսկապես էլ արժանի էր հարգանքի, նախ՝ որպես հարուստ և «ոչ վերջին» մարդ և երկրորդ՝ որպես միանգամայն կարգին, թեև սահմանափակ մարդ։ Բայց, թվում է, մտքի որոշ բթությունը գրեթե անհրաժեշտ հատկություն է, եթե ոչ ամեն մի գործչի, ապա, համենայն դեպս, ամեն մի լուրջ փող վաստակողի համար։ Վերջապես, գեներալը կարգին նիստ ու կաց ուներ, համեստ էր, գիտեր լսել և միաժամանակ թույլ չտալ, որ իր ոտը տրորեն, և ոչ թև միայն իր գեներալությամբ, այլև, որպես ազնիվ ու ազնվաբարո մարդ։ Ամենակարևորն այն էր, որ նա ուժեղ հովանավորություն ունեցող մարդ էր։ Ինչ վերաբերում է Լիզավետա Պրոկոֆևնային, ապա ինչպես վերևում արդեն բացատրված է, նա նաև լավ տոհմից էր, թեև մեզանում տոհմին շատ էլ չեն նայում, եթե ընդսմին անհրաժեշտ կապեր չկան։ Բայց վերջապես նա կապեր էլ ունեցավ. նրան հարգում էին և, վերջապես, սիրեցին այնպիսի մարդիկ, որ նրանցից հետո, բնականաբար, բոլորը պետք է հարգեին և ընդունեին նրան։

Կասկած չկա, որ նրա ընտանեկան տառապանքները անհիմն էին, չնչին պատճառ ունեին և ծիծաղելիության աստիճան չափազանցված էին. բայց եթե մեկի քթին կամ ճակատին գորտնուկ կա, չէ՞ որ ուղղակի թվում է, թե աշխարհի երեսին բոլորը միայն մի գործ ունեին և ունեն, որ ձեր գորտնուկին նայեն, դրա վրա ծիծաղեն և ձեզ դատապարտեն դրա համար, թեկուզ դուք նույնիսկ Ամերիկա հայտնագործած լինեիք։ Անկասկած է և այն, որ հասարակության մեջ Լիզավետա Պրոկոֆևնային իրոք «տարօրինակ կին» էին համարում, բայց և անվիճելիորեն հարգում էին նրան, իսկ Լիզավետա Պրոկոֆևնան վերջապես սկսեց չհավատալ և այն բանին, որ նրան հարգում են, և այդ էր նրա ամբողջ դժբախտությունը։ Իր աղջիկներին նայելով, նա տանջվում էր կասկածներից, թե անընդհատ ինչ֊որ բանով խանգարում է նրանց կարիերային, որ իր բնավորությունը ծիծաղելի է, անպատշաճ և անտանելի, որի համար, հասկանալի է, անընդհատ մեղադրում էր հենց իր իսկ աղջիկներին և Իվան Ֆյոդորովիչին, և ամբողջ օրերով կռվում էր նրանց հետ, միաժամանակ ինքնամոռացության և գրեթե կրքոտության աստիճան սիրելով նրանց։

Նրան ամենից ավելի տանջում էր այն կասկածը, որ իր աղջիկներն էլ դառնում են ճիշտ նույնպիսի «տարօրինակներ», ինչպես ինքն է և որ այդպիսի օրիորդներ, ինչպես նրանք են, բարձր հասարակության մեջ չեն լինում և չպետք է լինեն։ «Նիհիլիստուհիներ են մեծանում և ուրիշ ոչինչ», րոպեն մեկ ասում էր ինքն իրեն։ Վերջին տարիներին և հատկապես ամենավերջին ժամանակը, այդ տխուր միտքն սկսեց ավելի ու ավելի ամրապնդվել նրա մեջ։ «Նախ և առաջ նրանք ինչո՞ւ չեն ամուսնանում»,— րոպեն մեկ հարցնում էր նա իրեն։ «Որպեսզի տանջեն իրենց մորր, դրանում են նրանք տեսնում իրենց կյանքի նպատակը, և դա, իհարկե, այդպես է, որովհետև այդ բոլորը նոր գաղափարներ են, այդ բոլորը անիծյալ կանացի հարցն է։ Կես տարի առաջ Ագլայան չէ՞ր մտածել կտրել իր սքանչելի մազերը։ (Տե՜ր իմ, նույնիսկ ես Ժամանակին այդպիսի մազեր չեմ ունեցել)։ Ախր մկրատն արդեն ձեռքն էր առել, ախր միայն ծնկաչոք խնդրելով համոզեցի, որ չանի... Դե, ասենք, սա չարությունից էր անում, որպեսզի մորը տանջի, որովհետև չար աղջիկ է, ինքնակամ, երես առած, բայց գլխավորը՝ չա՛ր, չա՛ր, չա՛ր։ Բայց մի՞թե այդ հաստլիկ Ալեքսանդրան նրա հետևից չգնաց նույնպես մազերը կտրելու, և արդեն ոչ թե չարությունից, ոչ թե քմահաճությունից, այլ անկեղծորեն, հիմարի պես, որին հենց Ագլայան էր համոզել, թե նրա համար ավելի հանգիստ կլինի առանց մազի քնելը և գլուխը չի ցավի։ Եվ ահա արդեն հինգ տարի է ինչքա՜ն, ինչքա՜ն, ինչքա՜ն փեսացուներ են ունեցել նրանք։ Եվ իսկապես լավ մարդիկ են եղել, նույնիսկ սքանչելի մարդիկ են հանդիպել։ Ի՞նչ են սպասում նրանք, ինչո՞ւ չեն ամուսնանում։ Միմիայն որպեսզի մորը բարկացնեն, ուրիշ ոչ մի պատճառ չկա։ Ո՛չ մի։ Ո՛չ մի»։

Վերջապես կարծես արև ծագեց նաև նրա մայրական սրտի համար. գոնե մի աղջիկը, գոնե Ադելաիդան, վերջապես տեղավորված կլինի։ «Գոնե մեկին ուսերիցս թոթափեմ»,— ասում էր Լիզավետա Պրոկոֆևնան, երբ հարկ էր լինում բարձրաձայն արտահայտվել (մտքում նա անհամեմատ ավելի քնքուշ էր արտահայտվում)։ Եվ ինչ լավ, ինչ վայելուչ դրստվեց ամբողջ գործը. նույնիսկ բարձր հասարակության մեջ սկսեցին հարգանքով խոսել։ Նշանավոր մարդ է, իշխան, կարողության տեր, լավ մարդ է և այդ բոլորով հանդերձ նաև աղջկա սրտովն է, կարծես թե դրանից լավ էլ կարող էր լինել։ Բայց նա առաջ էլ Ադելաիդայի համար պակաս էր անհանգստանում, քան մյուս աղջիկների համար, թեև նրա արտիստական հակումները երբեմն շատ էին խռովում Լիզավետա Պրոկոֆևնայի անընդհատ կասկածող սիրտը։ «Փոխարենը՝ ուրախ բնավորություն ունի և միաժամանակ շատ խոհեմություն, նշանակում է չի կորչի աղջիկը,— մխիթարվում էր նա վերջ ի վերջո։ Ագլայայի համար ամենից ավելի էր վախենում նա։ Ի դեպ ասած, մեծի՝ Ալեքսանդրայի համար, Լիզավետա Պրոկոֆևնան ինքն էլ չգիտեր, թե ինչ աներ. վախենա՞ր, թե ոչ։ Մեկ նրան թվում էր, թե արդեն բոլորովին «կորավ աղջիկը». քսանհինգ տարեկան է, նշանակում օրիորդ էլ կմնա։ «Եվ այդպիսի գեղեցկությա՜մթ...»։ Լիզավետա Պրոկոֆևնան նույնիսկ լաց էր լինում գիշերները նրա համար, մինչդեռ նույն այդ գիշերները Ալեքսանդրա Իվանովնան քնում էր ամենահանգիստ քնով։ «Ի՞նչ է նա վերջապես, նիհիլիստուհի՞, թե ուղղակի հիմար»։ Որ հիմար չէր, ասենք դրանում Լիզավետա Պրոկոֆևնան ինքն էլ ոչ մի կասկած չուներ. նա չափազանց հարգում էր Ալեքսանդրա Իվանովնայի դատողությունները և սիրում էր նրա հետ խորհրդակցել։ Բայց որ «թրջված հավ» է, դրանում ոչ մի կասկած չկա. «Այնքան հանգիստ է, որ տեղից շարժել չի լինի»։ «Սակայն, «թրջված հավերնճ էլ հանգիստ չեն, թո՛ւհ։ Բոլորովին հալից ընկա նրանց երեսից»։ Լիզավետա Պրոկոֆևնան ինչ֊որ անբացատրելի կարեկցական համակրանք ուներ դեպի Ալեքսանդրա Իվանովնան, նույնիսկ ավելի, քան դեպի Ագլայան, որը նրա կուռքն էր։ Բայց մաղձոտ արարքները (որոնցով, գլխավորը, դրսևորվում էին նրա մայրական հոգածությունն ու համակրանքը), կռիվներ սարքելը, այնպիսի անունները, ինչպես «թրջված հավը», միայն Ալեքսանդրայի ծիծաղն էին բերում։ Երբեմն բանն այնտեղ էր հասնում, որ ամենադատարկ բաները սարսափելի բարկացնում էին Լիզավետա Պրոկոֆևնային և հավասարակշռությունից հանում։ Օրինակ, Ալեքսանդրա Իվանովնան շատ էր սիրում երկար քնել և սովորաբար շատ երազներ էր տեսնում, բայց միշտ նրա երազները չտեսնված դատարկ և անմեղ էին լինում, յոթ տարեկան երեխային սազական, և ահա նույնիսկ երազների այդ անմեղությունն սկսեց գրգռել մայրիկին։ Մի անգամ Ալեքսանդրա Իվանովնան երազում ինն հավ էր տեսել, և դրա պատճառով իսկական կռիվ եղավ նրա ու մոր միջև, թե ինչո՞ւ, դժվար է բացատրել։ Մի անգամ, միայն մի անգամ նրան հաջողվեց երազում տեսնել կարծես թե ինչ֊որ յուրօրինակ բան. նա տեսել էր ինչ֊որ մութ սենյակում մի աբեղայի, մենակ, ուր Ալեքսանդրա Իվանովնան վախենում էր մտնել։ Երկու քույրը հռհռալով երազն անմիջապես հանդիսավորությամբ հաղորդել էին Լիզավետա Պրոկոֆևնային, բայց մայրիկը նորից բարկացավ և բոլոր երեքին էլ հիմար անվանեց։ «Հը՛մ, հանդարտ է հիմարի պես, և ախր բոլորովին «թրջված հավ» է, տեղից շարժել չի լինի, բայց թախծում է, երբեմն բոլորովին տխուր հայացք է ունենում։ Ինչի՞ մասին է նա դարդ անում, ինչի՞»։ Երբեմն նա այդ հարցը տալիս էր նաև Իվան Ֆյոդորովիչին, և իր սովորության համաձայն՝ հիստերիկորեն, սպառնագին, անմիջապես պատասխանի սպասելով։ Իվան Ֆյոդորրվիչը հըմ֊հըմ էր անում, խոժոռվում, ուսերը թոթվում և վերջապես ձեռքերը տարածելով որոշում.

— Ամուսին է պետք։

— Միայն թե աստված նրան այնպիսի ամուսին չտա, ինչպիսին դուք եք, Իվան Ֆյոդորովիչ,— վերջապես ռումբի նման պայթում էր Լիզավետա Պրոկոֆևնան,— իր դատողություններով ու դատավճիռներով ձեզ նման չլինի, Իվան Ֆյոդորովիչ, այդպես կոպտաբարո կոպիտը չլինի, ինչպես դուք եք, Իվան Ֆյոդորովիչ․․․

Իվան Ֆյոդորովիչը անմիջապես հոգին ազատում էր, իսկ Լիզավետա Պրոկոֆևնան հանդարտվում էր իր պայթյունից հետո։ Հասկանալի է, հենց նույն օրը երեկոյան կողմ նա անխուսափելիորեն դառնում էր չտեսնված ուշադիր, սուսիկ, սիրալիր ու հարգալիր դեպի Իվան Ֆյոդորովիչը, դեպի իր «կոպտաբարո կոպիտ» Իվան Ֆյոդորովիչը, դեպի իր բարի ու սիրելի, պաշտելի Իվան Ֆյոդորովիչը, որովհետև նա ամբողջ կյանքում սիրել էր և նույնիսկ սիրահարված էր եղել իր Իվան Ֆյողորո։Լիչին, որի մասին շատ լավ գիտեր և ինքը՝ Իվան Ֆյոդորովիչը և դրա համար անսահմանորեն հարգում էր իր Լիզավետա Պրոկոֆենային։

Բայց նրա գլխավոր ու մշտական տանջանքը Ագլայան էր։

«Բոլորովին, բոլորովին ինձ պես է, իմ պատկերն է բոլոր տեսակետներից,— մտքում ասում էր Լիզավետա Պրոկոֆևնան,— ինքնասածի, գարշելի՜ սատանա։ Նիհիլիստուհի է, տարօրինակ աղջիկ, խենթ, չա՜ր, չա՛ր, չա՛ր։ Օ, տեր իմ, որքա՜ն դժբախտ կլինի նա»։

Բայց, ինչպես արդեն ասացինք, ծագած արևը մի րոպե ամեն ինչ մեղմացրել ու լուսավորել էր։ Համարյա մի ամիս եղավ Լիզավետա Պրոկոֆևնայի կյանքում, երբ նա գրեթե բոլորովին հանգստացավ բոլոր անհանգստություններից։ Ադելաիդայի մոտալուտ հարսանիքի կապակցությամբ բարձր հասարակության մեջ սկսեցին խոսել նաև Ագլայայի մասին, և ընդսմին ամենուրեք Ագլայան իրեն պահում էր այնքա՜ն լավ, այնքա՜ն հավասարակշռված, այնքա՜ն խելացի, այնքա՜ն հաղթական, փոքր֊ինչ հպարտ, բայց չէ՞ որ դա այնպե՜ս սազում է նրան։ Այնպե՜ս քնքուշ, այնպե՜ս սիրալիր էր մոր հետ մի ամբողջ ամիս։ (Ճիշտ է, այդ Եվգենի Պավլովիչին դեռ պետք է շատ, շատ ուշադիր զննել, պետք է ճանաչել նրան, և Ագլայան էլ, կարծես, ուրիշներից ավելի բարեհաճ չի հրա նկատմամբ)։ Համենայն դեպս հանկարծ այնպիսի սքանչելի աղջիկ է դարձել և որքա՜ն գեղեցիկ է նա, աստվա՜ծ, որքա՜ն գեղեցիկ է, օրավուր ավելի է գեղեցկանում։ Եվ ահա...

Եվ ահա հենց որ հայտնվեց այդ զզվելի իշխանուկը, այդ անպետք ապուշիկը, ամեն ինչ նորից պղտորվեց, տանն ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։

Ի՞նչ էր պատահել սակայն։

Ուրիշների համար երևի ոչինչ պատահած չլիներ։ Բայց հենց դրանով էր տարբերվում Լիզավետա Պրոկոֆևնան, որ ամենասովորական բաների զուգակցության և խառնաշփոթության մեջ իրեն միշտ հատուկ անհանգստության միջից նա միշտ կարողանում էր տեսնել մի այնպիսի բան, որ նրան երբեմն հիվանդության աստիճան վախեցնում էր ամենակասկածամիտ, ամենաանբացատրելի, ուրեմն և ամենածանր վախով։ Ուրեմն ի՛նչ էր նրա վիճակը, երբ հանկարծ հիմա, ծիծաղելի և անհիմն անհանգստությունների ողջ խառնափնթորության միջից իրոք սկսեց երևալ կարծես թե ինչ֊որ իսկապես կարևոր, կարծես թե իրոք և տագնապների, և տարակուսանքի, և՛ կասկածների արժանի բան։

«Եվ ինչպե՞ս են համարձակվել, ինչպե՞ս են համարձակվել գրել ինձ այդ անիծյալ անոնիմ նամակը այդ արարածի մասին, որ նա հարաբերությունների մեջ է Ագլայայի հետ,— մտածում էր Լիզավետա Պրոկոֆևնան ամբողջ ճանապարհին, մինչ քարշ էր տալիս իր հետևից իշխանին, և տանը, երբ նրան նստեցրեց կլոր սեղանի առաջ, որի շուրջը հավաքված էր ամբողջ ընտանիքը։— Ինչպե՞ս են համարձակվել մտածել այդ մասին։ Ախր ես ամոթից կմեռնեի, եթե գեթ մի կաթիլ հավատայի կամ Ագլայային ցույց տայի այդ նամակը։ Այդպիսի՜ ծաղրանքներ մե՛ր՝ Եպանչիններիս նկատմամբ։ Եվ բոլորը, բոլորը Իվան Ֆյոդորովիչի պատճառով, ձե՛ր պատճառով, Իվան Ֆյոդորովիչ։ Ախ, ինչո՞ւ չտեղափոխվեցինք Ելագին, չէ՞ որ ես ասում էի Ելագին գնանք։ Դա, գուցե, Վարկան է գրել նամակը, ես գիտեմ կամ, կարող է պատահել․․․ ամեն, ամեն ինչում Իվան Ֆյոդորովիչն է մեղավոր։ Այդ նրա՛ հետ է այդ արարածը այդ կատակը խաղացել, ի հիշատակ նախկին կապերի, որպեսզի նրան հիմարի վիճակի մեջ գցի, ճիշտ այնպես, ինչպես առաջ նրա վրա, ինչպես հիմարի վրա, հռհռում էր, քթից բռնած ման էր ածում, երբ դեռ Իվան Ֆյոդորովիչը նրան մարգարիտներ էր տանում... Իսկ վերջ ի վերջո, այնուամենայնիվ, մենք ենք խառնված, այնուամենայնիվ աղջիկներս են խառնված։ Իվան Ֆյոդորովիչ, ջահել աղջիկները, օրիորդները, լավագույն հասարակության օրիորդներ, հարսնացուներ, նրանք այդտեղ էին գտնվում, այդտեղ էին կանգնած, ամեն ինչ լսեցին, և անպիտան տղաների պատմության մեջ էլ խառն են, ուրախացեք, նույնպես այդտեղ էին և լսում էին։ Չե՛մ ների, չե՛մ ների ես այդ իշխանակին, երբե՛ք չեմ ների։ Եվ ինչո՞ւ Ագլայան երեք օր հիստերիկայի մեջ է, ինչո՞ւ համարյա գժտվել է քույրերի հետ, նույնիսկ Ալեքսանդրայի հետ, որի ձեռներն էր միշտ համբուրում, ինչպես մոր ձեռները, այնքան հարգում էր նրան։ Ինչո՞ւ երեք օր է նա բոլորին հանելուկներ է ասում։ Ի՞նչ գործ ունի այստեղ Գավրիլա Իվոլգինը։ Ինչո՞ւ նա երեկ ու այսօր սկսում էր գովաբանել Գավրիլա Իվոլգինին և լաց եղավ։ Այդ անոնիմ նամակում ինչո՞ւ է հիշատակված այդ անիծյալ «աղքատ ասպետի» մասին, մինչդեռ Ագլայան իշխանից ստացած նամակը նույնիսկ քույրերին չի ցույց տվել։ Եվ ինչո՞ւ... ի՞նչ նպատակով, ի՞նչ նպատակով ես գլուխս կորցրած հիմա վազ տվի նրա մոտ և հենց ինքս քարշ տվի այստեղ։ Տեր իմ, խելքս թռցրե՜լ եմ, այս ի՜նչ արի հիմա։ Երիտասարդի հետ աղջկա գաղտնիքների մասին խոսել, և այն էլ․․․ և այն էլ այնպիսի գաղտնիքների մասին, որոնք համարյա հենց այդ երիտասարդին են վերաբերվում։ Տե՜ր իմ, դեռ լավ է, որ նա ապուշ է և... և... ընտանիքի բարեկամ։ Միայն մի՞թե Ագլայան հրապուրվել է այս այլանդակիկով։ Տեր իմ, ինչե՜ր եմ դուրս տալիս։ Թո՛ւհ։ Ինքնօրինակ մարդիկ ենք մենք․․․ մեզ բոլորիս պետք է ապակու տակ դրած ցուցադրել, առաջինը ինձ, մուտքի վճարը տասական կոպեկով։ Այս բանը չե՛մ ների ձեզ, Իվան Ֆյոդորովիչ, երբե՛ք չեմ ների։ Եվ ինչո՞ւ հիմա Ագլայան նրան ձեռ չի առնում։ Խոստացավ ձեռ առնել և ահա ձեռ չի առնում։ Ահա, ահա, աչքերը լայն բաց արած նրան է նայում, լռում է, չի հեռանում, կանգնել է, այնինչ ինքն էր պատվիրել նրան, որ չգա... Իշխանը նստած է ամբողջովին գունատ։ Եվ այդ անիծյալ, անիծյալ շաղակրատ Եվգենի Պավլովիչը մենակ ինքն է իր վրա վերցրել ամբողջ խոսակցությունը։ Մի տե՜ս, բլբլացնում է, չի թողնում, որ մի խոսք ասեն։ Ես հիմա ամեն ինչ կիմանայի, հենց որ խոսք բացվեր․․․»

Իսկապես էլ իշխանը, համարյա գունատ, նստած էր կլոր սեղանի մոտ ու, թվում է, և՛ արտակարգ վախի մեջ էր, և, որոշ վայրկյաններ, իրեն իսկ անհասկանալի և հոգին կլանող հիացմունքի։ Օ, ինչպես նա վախենում էր այն կողմը նայել, այն անկյունը, որտեղից ուշադիր նրան էին նայում երկու ծանոթ սև աչքերը, և միևնույն ժամանակ ինչպես նվաղում էր նա երջանկությունից, որ նստած է այստեղ նորից նրանց մեջ, կլսի ծանոթ ձայնը — այն բանից հետո, որ դրել էր նրան Ագլայան։ «Տեր իմ, ի՞նչ կասի նա հիմա»։ Նա ինքը դեռ ոչ մի բառ չէր արտասանել և լարված լսում էր «բլբլացող» Եվգենի Պավլովիչին, որը հազվադեպ էր եղել այսպիսի գոհ և հուզված տրամադրության մեջ, ինչպես հիմա, այս երեկո։ Իշխանը ունկնդրում էր նրան և երկար ժամանակ չէր հասկանում գրեթե ոչ մի բառ։ Բացի Իվան Ֆյոդորովիչից, որը Պետերբուրդից դեռ չէր վերադարձել, բոլորը հավաքված էին։ Իշխան Շչ֊ն նույնպես այդտեղ էր։ Կարծես պատրաստվում էին քիչ հետո, թեյից առաջ գնալ երաժշտություն լսելու։ Այժմյան խոսակցությունը, ըստ երևույթին, սկսվել էր մինչև իշխանի գալը։ Շուտով պատշգամբ սողոսկեց չգիտես որտեղից հայտնված Կոլյան։ «Նշանակում է, նրան առաջվա պես ընդունում են այստեղ»,― մտածեց իշխանը։

Եպանչինների ամառանոցը շքեղ ամառանոց էր, շվեյցարական խրճիթի ճաշակով, ամեն կողմից նրբագեղորեն զարդարված ծաղիկներով ու տերևներով։ Ամեն կողմից այն շրջապատված էր ոչ մեծ, բայց սքանչելի պարտեզով։ Բոլորը նստած էին պատշգամբում, ինչպես և իշխանի ամառանոցում, միայն պատշգամբը մի քիչ ավելի ընդարձակ էր և սարքված էր ավելի պճնագեղ։

Սկսված խոսակցության թեման, թվում է, քչերի սրտովն էր, խոսակցությունն, ինչպես կարելի էր գլխի ընկնել, սկսվել էր մի անհամբեր վիճաբանության պատճառով և, իհարկե, բոլորը կուզենային փոխել սյուժեն, բայց, թվում է, Եվգենի Պավլովիչը համառում էր ավելի ևս և ուշադրություն չէր դարձնում թողած տպավորությանը, իշխանի գալը կարծես ավելի ևս բորբոքեց նրան։ Լիզավետա Պրոկոֆևնան խոժոռվում էր, թեև ամեն ինչ չէր հասկանում, մեկուսի, գրեթե անկյունում նստած Ագլայան չէր հեռանում, լսում էր ու համառորեն լռում։

— Ներեցեք,— բորբոքված առարկում էր Եվգենի Պավլովիչը,— ես ոչինչ չեմ ասում լիբերալիզմի դեմ։ Լիբերալիզմը մեղք չէ. դա անհրաժեշտ բաղկացուցիչ մասն է ամբողջի, որն առանց դրա կքայքայվի կամ կմահանա. լիբերալիզմը գոյության նույնպիսի իրավունք ունի, ինչպես և ամենաբարեբարո կոնսերվատիզմը, բայց ես հարձակվում եմ ռուսական լիբերալիզմի վրա, և դարձյալ կրկնում եմ, որ իսկապես ասած, հենց այն պատճառով եմ հարձակվում նրա վրա, որ ռուս լիբերալը ռուս լիբերալ չէ, այլ ոչ ռուս լիբերալ է։ Տվեք ինձ մի ռուս լիբերալի և ես նրան հենց հիմա ձեր ներկայությամբ կհամբուրեմ։

— Եթե միայն նա ուզենա ձեզ համբուրել,— ասաց Ալեքսանդրա Իվանովնան, որն արտասովոր գրգռված վիճակում էր։ Նույնիսկ նրա այտերը սովորականից ավելի էին կարմրել։

«Մի տե՜ս,— ինքն իրեն մտածեց Լիզավետա Պրոկոֆևնան,— մեկ քնում և ուտում է, տեղից շարժել չի լինի, մեկ էլ հանկարծ տարին մեկ անգամ տեղից վեր կկենա ու կսկսի խոսել այնպես, որ միայն զարմանք կմնաս»։

Իշխանը հարևանցիորեն նկատեց, որ կարծես Ալեքսանդրա Իվանովնային բոլորովին դուր չի գալիս, որ Եվգենի Պավլովիչը խոսում է շատ ուրախ, խոսում է լուրջ թեմայի մասին և կարծես թե տաքանում է, բայց միևնույն ժամանակ կարծես թե նաև կատակում է։

— Ես հիմա պնդում էի, հենց ձեր գալուց առաջ, իշխան,— շարունակում էր Եվգենի Պավլովիչը,— որ մեզանում մինչև հիմա լիբերալները եղել են միայն երկու դասից, առաջվա կալվածատիրական (վերացրած) և սեմինարիական։ Բայց քանի որ երկու դասն էլ վերջ ի վերջո դարձել են իսկական կաստա, ազգից բոլորովին կտրված ինչ-որ բան, և սերնդից սերունդ գնալով ավելի ու ավելի կտրված, ապա, նշանակում է, այն ամենը, ինչ որ նրանք արել են և անում են, եղեք է բոլորովին ոչ ազգային...

— Ինչպե՞ս։ Ուրեմն այն ամենը, ինչ արված է, բոլորը ռուսական չէ՞,— առարկեց իշխան Շչ֊ն։

— Ազգային չէ, թեկուզև ռուսավարի է, բայց ազգային չէ, լիբերալներն էլ մեզանում ռուսական չեն, կոնսերվատորներն էլ, բոլորը․․․ Եվ համոզված եղեք, որ ազգը ոչինչ չի ընղունի այն ամենից, ինչ արել են կալվածատերերն ու սեմինարիստները, ոչ հիմա, ոչ հետո․․․

— Այ ղա Լա՜վ է։ Դուք ինչպե՞ս կարող եք պնդել մի այդպիսի պարադոքս, եթե միայն դա լուրջ եք ասում։ Ես չեմ կարող այդպիսի ոտնձգություն թույլ տալ ռուս կալվածատիրոջ նկատմամբ, դուք ինքներդ ռուս կալվածատեր եք,— տաք-տաք առարկեց իշխան Շչ-ն։

— Բայց ախր ես այն մտքով չեմ ասում ռուս կալվածատիրոջ մասին, ինչպես դուք եք ընդունում։ Պատվական ղաս է, հենց թեկուզ միայն այն պատճառով, որ ես նրան եմ պատկանում. մանավանդ հիմա, երբ նա արդեն դադարել է գոյություն ունենալուց...

— Մի՞թե գրականության մեջ էլ ոչ մի ազգային բան չի եղել,― ընդհատեց Ալեքսանդրա Իվանովնան։

— Ես գրականության մեջ վարպետ չեմ, բայց իմ կարծիքով ռուս գրականությանն էլ ամբողջովին ռուսական չէ, թերևս բացի Լոմոնոսովից, Պուշկինից ու Գոգոլից։

— Նախ և առաջ, դա քիչ չի, իսկ երկրորդ, մեկը ժողովրդի միջից է, իսկ մյուս երկուսը կալվածատերեր են,― ծիծաղեց Ադելաիդան։

— Ճիշտ այդպես, բայց մի ցնծացեք։ Որովհետև բոլոր ռուս գրողներից մինչև հիմա միայն այդ երեքից յուրաքանչյուրին է հաջողվել ասել իրոք որևէ իրենը, իր սեփականֆ ոչ ոքից չընդօրինակած խոսքը, ապա հենց դրանով էլ այդ երեքը անմիջապես դարձել են ազգային։ Ով որ ռուս մարդկանցից կասի, կգրի կամ կանի իրենը, իր անկապտելի և չընդօրինակված մի որևէ բանը, նա անխուսափելիորեն դաոնում է ազգային, թեկուզև նա ռուսերեն վատ խոսելիս լինի։ Դա ինձ համար աքսիոմա է։ Բայց մեր խոսակցությունն սկսվել էր ոչ գրականությունից, մենք խոսել սկսեցինք սոցիալիստների մասին, և նրանց պատճառով խոսակցություն ծագեց, դե, ուրեմն ես պնդում եմ, որ մենք չունենաք ոչ մի ռուս սոցիալիստ. չունենք և չենք ունեցել, որովհետև մեր բոլոր սոցիալիստները նույնպես կալվածատերերից ու սեմինարիստներից են։ Մեր բոլոր ճանաչված, ազդարարված սոցիալիստները, ինչպես այստեղի, այնպես էլ արտասահմանյան, ավելին չեն, քան ճորտատիրական իրավունքի ժամանակների կալվածատիրական միջավայրից դուրս ելած լիբերալներ։ Ի՞նչ եք ծիծաղում։ Տվեք ինձ նրանց գրքերը, տվեք ինձ նրանց ուսմունքները, նրանց մեմուարները, և ես, չլինելով գրաքննադատ, հանձն եմ առնում ձեզ համար գրել ամենահամոզիչ գրական քննադատություն, որում ցերեկվա պես պարզ ապացուցեմ, որ նրանց գրքերի, բրոշյուրների, մեմուարների ամեն մի էջը գրել է ամենից առաջ նախկին ռուս կալվածատերը. նրանց զայրույթը, վրդովմունքը, սրամտությունը կալվածատիրական են (նույնիսկ մինչֆամուսովյան)․ նրանց բերկրանքը, նրանց արցունքները իսկական են, թերևս, անկեղծ արցունքներ են, բայց՝ կալվածատիրական։ Կալվածատիրական կամ սեմինարիստական... Դուք դարձյալ ծիծաղում եք, դո՞ւք էլ եք ծիծաղում, իշխան․ նույնպե՞ս համաձայն չեք։

Իրոք, բոլորը ծիծաղում էին, քմծիծաղ տվեց նաև իշխանը։

— Ես դեռ այդպես ուղղակի չեմ նկարող ասել համաձայն եմ, թե համաձայն չեմ,— արտասանեց իշխանը, հանկարծ դադարելով քմծիծաղ տալուց և ցնցվելով բռնված աշակերտի պես,— բայց հավատացնում եմ ձեզ, որ ձեզ ունկնդրում եմ մեծ բավականությամբ․․․

Այդ ասելիս, նա համարյա շնչահեղձ էր լինում և նույնիսկ սառը քրտինքը պատեց նրա ճակատը։ Դրանք առաջին բառերն էին, որ նա արտասանեց այն ժամանակից ի վեր, ինչ այստեղ նստած էր։ Նա փորձեց շուրջը նայել, բայց չհամարձակվեց․ Եվգենի Պավլովիչը որսաց նրա շարժումը և ժպտաց։

— Ես ձեզ, պարոնայք, մի փաստ կասեմ,— շարունակում էր նա առաջվա եղանակով, այսինքն՝ կարծես թե արտասովոր հափշտակությամբ ու եռանդով, բայց միևնույն ժամանակ համարյա ծիծաղելով գուցե հենց իր իսկ խոսքերի վրա,— մի փաստ, որի դիտումը, նույնիսկ հայտնագործումը ես պատիվ ունեմ վերագրելու ինձ, և նույնիսկ միմիայն ինձ. համենայն դեպս այդ մասին դեռևս ոչ մի տեղ ասված կամ գրված չի եղել։ Այդ փաստի մեջ արտահայտվում է այն կարգի ռուս լիբերալիզմի ամբողջ էությունը, որի մասին ես խոսում եմ։ Նախ և առաջ, ի՞նչ բան է լիբերալիզմը, եթե ընդհանրապես ասելու լինենք, եթե ոչ հարձակում (խելացի, թե սխալ՝ դա ուրիշ հարց է) գոյություն ունեցող իրերի կարգի վրա։ Այնպես չէ՞։ Դե, ուրեմն, իմ փաստը կայանում է նրանում, որ ռուս Լիբերալիզմը հարձակում չէ գոյություն ունեցող իրերի կարգի վրա, այլ հարձակում է մեր իրերի բուն էության վրա, բուն իրերի վրա, այլ ոչ թե միայն կարգերի վրա, ոչ թե ռուսական կարգերի վրա, այլ բուն Ռուսաստանի վրա։ Իմ լիբերալն այն տեղն է հասել, որ բացասում է բուն Ռուսաստանը, այսինքն՝ ատում և ծեծում է իր մորը։ Ռուսական ամեն մի դժբախտ և անհաջող փաստ նրա մեջ ծիծաղ և համարյա հիացմունք է հարուցում։ Նա ատում է ժողովրդական սովորույթները, ռուսաց պատմությունը, ամեն ինչ։ Եթե նրա համար արդարացում կա, ապա, թերևս, այն բանում, որ նա չի հասկանում, թե ինչ է անում և Ռուսաստանի նկատմամբ ունեցած իր ատելությունը ընդունում է որպես ամենաբեղմնավոր լիբերալիզմ (o՜, դուք հաճախ կհանդիպեք մեզանում լիբերալի, որին ծափահարում են մյուսները և որը, կարող է պատահել, ըստ էության, ամենաանհեթեթ, ամենաբութ ու վտանգավոր կոնսերվատորն է, և ինքը չգիտի այդ)։ Դեպի Ռուսաստանն ունեցած այդ ատելությունը, դեռևս ոչ այնքան վաղուց, մեր որոշ լիբերալներ քիչ էր մնում համարեին իսկական սեր դեպի հայրենիքը և պարծենում էին նրանով, որ ուրիշներից լավ են տեսնում, թե ինչումն է կայանալու այդ սերը. բայց հիմա արդեն ավելի անկեղծ են դարձել և նույնիսկ սկսել են ամաչել «հայրենիքի սեր» բառից, նույնիսկ այդ հասկացությունն են վանել ու վերացրել, որպես վնասակար ու չնչին։ Սա ճիշտ փաստ է, ես դա պնդում եմ և... չէ՞ որ երբևէ պետք էր արտահայտել լիովին, պարզ ու անկեղծ ասել ճշմարտությունը․ բայց միևնույն ժամանակ այս փաստն այնպիսին է, որպիսին ոչ մի տեղ և երբեք դարերից ի վեր և ոչ մի ժողովրդի մեջ չի եղել ու չի պատահել, ուրեմն և նշանակում է, որ դա պատահական փաստ է և կարող է անցնել, ես համաձայն եմ։ Ոչ մի տեղ չի կարող լինել այնպիսի լիբերալ, որն ատեր բուն հայրենիքը։ Իսկ ինչո՞վ բացատրել այդ ամենը մեզանում։ Հենց նույն բանով, ինչ և առաջ, նրանով, որ ռուս լիբերալը առայժմ ռուս լիբերալ չէ. կարծում եմ՝ ուրիշ ոչնչով։

— Այն ամենը, ինչ ասացիր, ես իբրև կատակ եմ ընդունում, Եվգենի Պավլովիչ,— լրջորեն առարկեց իշխան Շչ֊ն։

— Ես բոլոր լիբերալներին չեմ տեսել և հանձն չեմ առնում դատել,― ասաց Ալեքսանդրա Իվանովնան,— բայց ձեր միտքը վրդովմունքով լսեցի, դուք վերցրել եք մասնավոր դեպքը և ընդհանուր կանոնի վերածել, նշանակում է, զրպարտում էիք։

— Մասնավոր դե՞պք։ Ա-ա՜։ Խոսքն ասված է,— վրա բերեց Եվգենի Պավլովիչը։— Ի՞նչ եք կարծում, իշխան, սա մասնավո՞ր դեպք է, թե ոչ։

— Ես էլ պետք է ասեմ, որ ես քիչ եմ տեսել և քիչ եմ եղել... լիբերալների հետ,— ասաց իշխանը,— բայց ինձ թվում է, որ դուք, գուցե, որոշ չափով իրավացի եք, և որ այն ռուսական լիբերալիզմը, որի մասին դուք խոսում էիք, իրոք մասամբ հակված է ատելու բուն Ռուսաստանը, և ոչ թե միայն նրա իրերի կարգը։ Իհարկե, դա միայն մասամբ իհարկե, դա ոչ մի կերպ չի կարող բոլորի համար արդարացի լինել...

Նա կարկամեց ու խոսքը չավարտեց։ Չնայած իր ողշ հուզմունքին, նա չափազանց հետաքրքրված էր խոսակցությամբ։ Իշխանը մի առանձնահատուկ գիծ ուներ, որը ուշադրության արտասովոր միամտությունն էր, որով նա միշտ ունկնդրում էր իրեն հետաքրքրած որևէ բան, և միամտությունը պատասխանների, որ նա տալիս էր, երբ ընդսմին նրան դիմում էին հարցերով։ Նրա դեմքին և նույնիսկ իրանի դիրքի մեջ մի տեսակ արտացոլում էր այդ միամտությունը, ոչ ծաղրի, ոչ հումորի կասկած տանող այդ հավատը։ Ու թեպետ Եվգենի Պավլովիչը արդեն վաղուց նրան դիմում էր ոչ այլ կերպ, քան որոշ առանձնահատուկ քմծիծաղով, բայց հիմա, նրա պատասխանի ժամանակ, մի տեսակ շատ լուրջ նայեց նրան, կարծես նրանից բոլորովին չէր սպասում այդպիսի պատասխան։

— Բայց... ահա թե դուք ինչ տարօրինակ...― ասաց նա,— և իսկապե՞ս դուք ինձ լուրջ էիք պատասխանում, իշխան։

— Իսկ մի՞թե դուք լուրջ չէիք հարցնում,— առարկեց իշխանը զարմացած։

Բոլորը ծիծաղեցին։

— Նրան հավա՜տ ընծայեք,― ասաց Ադելաիդան,— Եվգենի Պավլովիչը միշտ և ամենքին հիմարացնում է։ Եթե իմանայիք երբեմն ինչե՜ր է պատմում ամենայն լրջությամբ։

― Իմ կարծիքով սա ծանր խոսակցություն է, և լավ կլիներ, բոլորովին չսկսեինք,— խստորեն նկատեց Ալեքսանդրան,— ուզում էինք զբոսանքի գնալ...

— Եվ գնանք, հիանալի երեկո է,— բացականչեց Եվգենի Պավլովիչը,— բայց որպեսզի ձեզ ապացուցեմ, որ այս անգամ խոսում էի միանգամայն լուրջ, և, գլխավորը, որպեսզի դա ապացուցեմ իշխանին, (դուք, իշխան, ինձ չափազանց հետաքրքրեցիք, և երդվում եմ ձեզ, որ ես դեռ բոլորովին այնքան դատարկ մարդ չեմ, ինչպիսին անպայման պետք է որ թվամ, թեև իրոք ես դատարկ մարդ եմ), և... եթե թույլ տաք, պարոնայք, ևս մի վերջին հարց կտամ իշխանին, սեփական հետաքրքրությունից մղված, դրանով էլ կվերջացնենք։ Այդ հարցը, կարծես դիտմամբ երկու ժամ առաջ մտքովս անցավ (տեսնո՞ւմ եք, իշխան, երբեմն ես էլ եմ լուրջ հարցերի մասին խորհում). ես այդ հարցը վճռել եմ, բայց տեսնենք, ինչ կասի իշխանը։ Հիմա ասացին «մասնավոր դեպքի» մասին։ Այդ բանը մեզանում շատ նշանակալից է, դա հաճախ է լսվում։ Նորերս բոլորը խոսում և գրում էին վեց հոգու այդ սարսափելի սպանության մասին այդ․․․ երիտասարդի կողմից, և դատապաշտպանի տարօրինակ ճառի մասին, որտեղ ասվում է, որ հանքագործի աղքատ վիճակում բնականորեն նրա մտքով պետք է անցներ սպանել այդ վեց հոգուն։ Դա ոչ տառացիորեն, Բայց իմաստը, կարծեմ դա է կամ մոտենում է դրան։ Իմ անձնական կարծիքով, դատապաշտպանն այդպիսի տարօրինակ միտք հայտնելիս լիովին համոզված էր, որ ասում է ամենալիբեբալ, ամենամարդասիրական և առաջադիմական մի բան, ինչպիսին միայն կարելի է ասել մեր ժամանակներում։ Դե, ուրեմն ինչպե՞ս է ձեր կարծիքով. հասկացությունների և համոզմունքների այդ խեղաթյուրումը, գործի նկատմամբ այդպիսի ծուռ ու երևելի հայացքի հնարավորությունը արդյոք մասնավո՞ր, թե ընդհանուր դեպք է։

Բոլորը հռհռացին։

— Մասնավոր, հասկանալի է, մասնավոր,— ծիծաղեցին Ալեքսանդրան և Ադելաիդան։

— Եվ թույլ տուր նորից հիշեցնելու, Եվգենի Պավլովիչ,— ավելացրեց իշխան Շչ-ն,— որ քո կատակն արդեն չափազանց մաշված է։

— Ի՞նչ եք կարծում, իշխան,― մինչև վերջ չլսեց Եվգենի Պավլովիչը, որսալով իշխան Լև Նիկոլաևիչի՝ իր վրա հառած հետաքրքիր ու լուրջ հայացքը։— Ձեզ ինչպե՞ս է թվում, սա մասնավո՞ր, թե ընդհանուր դեպք է։ Խոստովանում եմ, հենց ձեզ համար էի հորինել այս հարցը։

— Ոչ, մասնավոր չի,— ցածրաձայն, բայց հաստատուն ասաց իշխանը։

— Ներեցեք, Լև Նիկոլաևիչ,— մի քիչ սրտնեղած գոչեց իշխան Շչ֊ն,— մի՞թե չեք տեսնում, որ նա ձեզ ծուղակն է գցում. նա ուղղակի ծիծաղում է և միտքը դրել է հենց ձեզ ծաղքի առարկա դարձնել։

— Ես կարծում էի, Եվգենի Պավլովիչը լուրջ էր խոսում,— կարմրեց իշխանը և աչքերը խոնարհեց։

— Սիրելի իշխան,— շարունակում էր իշխան Շչ֊ն,— մտաբերեք, ինչի մասին էինք խոսում մի անգամ ես և դուք, մոտ երեք ամիս առաջ. մենք խոսում էինք հենց այն մասին, որ մեր նորաբաց երիտասարդ դատարաններում արդեն կարելի է ցույց տալ այնքա՜ն հիանալի և տաղանդավոր պաշտպանների։ Իսկ ատենակալների որրա՜ն վերին աստիճանի հիանալի վճիռներ կան։ Ինչպե՜ս էիք ուրախանում դուք ինքներդ և ինչպես էի այն ժամանակ ես ուրախանում ձեր ուրախության վրա... մենք ասում էինք, որ կարող ենք հպարտանալ․․․ իսկ այդ անճարպիկ պաշտպանությունը, այդ տարօրինակ փաստարկը, իհարկե, պատահականություն է, միավոր է հազարների մեջ։

Իշխան Լև Նիկոլաևիչը մտածեց, բայց ամենահամոզված տեսքով, թեև կամացուկ և նույնիսկ կարծես վեհերոտ արտասանելով, պատասխանեց.

— Ես միայն ուզում էի ասել, որ գաղափարների և հասկացությունների խեղաթյուրումը (ինչպես արտահայտվեց Եվգենի Պավլովիչը) շատ հաճախ է պատահում, շատ ավելի ընդհանուր, քան մասնավոր դեպք է, դժբախտաբար։ Եվ այն աստիճան, որ եթե այդ խեղաթյուրումը այդպիսի ընդհանուր դեպք չլիներ, ապա, կարող է պատահել, չէին լինի այդպիսի անհնարին ոճրագործություններ, ինչպիսին դրանք են...

— Անհնարին ոճրագործություննե՞ր։ Բայց հավատացնում եմ ձեզ, որ ճիշտ նույնպիսի ոճրագործություններ և, գուցե, ավելի սարսափելի, առաջ էլ էին լինում, և միշտ եղել են, և ոչ միայն մեզանում, այլ ամենուրեք, և, իմ կարծիքով, դեռևս շատ երկար կկրկնվեն։ Տարբերությունն այն է, որ առաջ հրապարակայնությունը մեզանում ավելի քիչ էր, իսկ հիմա սկսել են բարձրաձայն խոսել և նույնիսկ գրել դրանց մասին, դրա համար էլ թվում է, թե այդ ոճրագործները միայն հիմա են հայտնվել։ Ահա թե որն է ձեր սխալը, չափազանց միամիտ սխալը, իշխան, հավատացնում եմ ձեզ,― հեգնորեն ժպտաց իշխան Շչ-ն։

— Ես ինքս գիտեմ, որ առաջ էլ շատ են եղել ոճրագործություններ և նույնքան սարսափելի. ես դեռ նորերս եղել եմ բանտերում և ինձ հաջողվել է ծանոթանալ մի քանի ոճրագործների և մեղադրյալների հետ։ Կան նույնիսկ ավելի սարսափելի ոճրագործներ, քան դա, որոնք առանց որևէ զղջման սպանել են տասական մարդ։ Բայց ահա թե ես ինչ եմ նկատել ընդսմին, որ ամենաանուղղելի և անզիջում մարդասպանը, համենայն դեպս, գիտի, որ ինքը ոճրագործ է, այսինքն՝ խղճի մտոք համարում է, որ լավ բան չի արել, թեև առանց որևէ զղջման։ Եվ այդպես է նրանցից ամեն մեկը. բայց ախր սրանք, որոնց մասին սկսեց խոսել Եվգենի Պավլովիչը, նույնիսկ չեն ուզում իրենց ոճրագործ համարել և իրենց մեջ մտածում են, որ իրավունք ունեն և... նույնիսկ լավ են արել, այսինքն՝ համարյա թե այդպես։ Իմ կարծիքով, ահա հենց սա է սարսափելի տարբերությունը։ Եվ նկատի առեք, այդ բոլորը երիտասարդությունն է, այսինքն՝ հենց այնպիսի հասակը, որում ամենից ավելի հեշտ ու անպաշտպան կերպով կաբելի է ընկնել գաղափարների խեղաթյուրման մեջ։

Իշխան Շչ֊ն այլևս չէր ծիծաղում և տարակուսանքով լսեց իշխանին։ Ալեքսանդրա Իվանովնան, որը վաղուց արդեն ուզում էր ինչ֊որ դիտողություն անել, լռեց, կարծես ինչ֊որ առանձնահատուկ միտք նրան ետ պահեց։ Իսկ Եվգենի Պավլովիչը իշխանին նայում էր բացահայտ զարմանքով և այս անգամ արդեն առանց որևէ քմծիծաղի։

— Այդ ինչո՞ւ եք այդպես զարմանում նրա վրա, տեր իմ, — անսպասելիորեն միջամտեց Լիզավետա Պրոկոֆևնան նա ձեզանից հիմա՞ր է, թե ինչ, որ ձեր կարծիքով չէր կարող դատողություն անել։

— Ոչ, դրա վրա չեմ զարմանում,― ասաց Եվգենի Պավլովիչը,— միայն թե ինչպե՞ս դուք, իշխան (ներեցեք հարցիս համար), եթե դա այդպես տեսնում ու նկատում եք, ապա ինչպե՞ս դուք (ներեցեք ինձ կրկին) այդ տարօրինակ գործում... այ, որ օրերս եղավ... Բուրդովսկու, կարծեմ... դուք ինչպե՞ս չնկատեցիք գաղափարների և բարոյական համոզմունքների նույնպիսի խեղաթյուրում։ Ախր ճիշտ և ճիշտ նույնպիսի։ Ինձ այն ժամանակ թվաց, թե դուք բոլորովին չնկատեցիք։

— Ահա թե ինչ, սիրելիս,— տաքացավ Լիզավետա Պրոկոֆևնան,— ահա մենք բոլորս նկատեցինք, այստեղ նստել ու պարծենում ենք նրա առաջ, իսկ ահա նա այսօր նամակ է ստացել նրանցից մեկից, ամենագլխավորից, պզուկավորից, հիշո՞ւմ ես, Ալեքսանդրա։ Նա նամակում ներողություն է խնդրում իշխանից, թեպետև իր ձևով, և հայտնում է, որ այն ընկերոջը թողել է, որն այն ժամանակ հրահրում էր սրան, հիշո՞ւմ ես, Ալեքսանդրա, և որ հիմա իշխանին ավելի է հավատում։ Դե, իսկ մենք դեռ այդպիսի նամակ չենք ստացել, թեև սովոր ենք քթներս ցցել նրա մոտ։

— Իսկ Իպոլիտը հիմա նույնպես փոխադրվել է մեր ամառանոցը,— բղավեց Կոլյան։

— Ինչպե՜ս, արդեն այստե՞ղ է,— անհանգստացավ իշխանը։

— Նոր էիք գնացել Լիզավետա Պրոկոֆևնայի հետ, որ շնորհ բերեց, ես փոխադրեցի նրան։

— Դե, գրազ կգամ,— ուղղակի եռ եկավ հանկարծ Լիզավետա Պրոկոֆևնան, բոլորովին մոռանալով, որ հենց նոր գովում էր իշխանին,— գրազ կգամ, որ նա երեկ գնացել է նրա ձեղնահարկը և ծնկաչոք ներողություն է խնդրել նրանից, որ այդ չար չարասիրտը արժանացնի այստեղ փոխադրվելու։ Այդպե՞ս է, թե ոչ։ Ծունկի եկե՞լ ես, թե ոչ։

— Բոլորովին չի եկել,— բղավեց Կոլյան,— այլ բոլորովին ընդհակառակը, Իպոլիտը երեկ բռնեց իշխանի ձեռքը և երկու անգամ համբուրեց, ես ինքս տեսա, դրանով էլ վերջացավ ամբողջ բացատրությունը, բացի նրանից, որ իշխանը ուղղակի ասաց, որ Իպոլիտի համար ամառանոցում ավելի հեշտ կլինի և նա իսկույն համաձայնեց տեղափոխվել հենց որ դրությունը լավանա։

— Դուք զուր եք, Կոլյա...— փնթփնթաց իշխանը, վեր կենալով ու գլխարկը վերցնելով,— ինչո՞ւ եք պատմում, ես․․․

— Այդ ո՞ւր,— ետ պահեց Լիզավետա Պրոկոֆևնան։

― Մի անհանգստացեք, իշխան,— շարունակեց բորբոքված Կոլյան,— մի գնացեք և մի անհանգստացրեք նրան, նա ճանապարհից հոգնած քնել է. նա շատ ուրախ է, և գիտե՞ք, իշխան, իմ կարծիքով շատ ավելի լավ է, եթե այսօր չհանդիպեք, նույնիսկ հետաձգեցեք մինչև վաղը, թե չէ նա նորից անհարմար կզգա իրեն։ Նա քիչ առաջ ասում էր, որ արդեն ամբողջ կես տարի է, իրեն այդպես լավ և ուժի եկած չի զգացել. նույնիսկ հազում է եռակի պակաս։

Իշխանը նկատեց, որ Ագլայան հանկարծ դուրս եկավ իր տեղից և մոտեցավ սեղանին։ Իշխանը չէր համ արձակվում նայել նրան, բայց ամբողջ էությամբ զգում էր, որ այդ ակնթարթին Ագլայան նայում է նրան և, գուցե, նայրւմ է սպառնագին, որ նրա սև աչքերում անպայման զայրույթ կա, և դեմքը բռնկվել է։

— Իսկ ինձ թվում է, Նիկոլայ Արդալիոնովիչ, որ նրան իզուր եք փոխադրել այստեղ, եթե նա հենց այն թոքախտավոր տղան է, որն այն ժամանակ լաց եղավ և կանչում էր իր թաղմանը,― նկատեց Եվգենի Պավլովիչը,― նա այն ժամանակ այնպես արտահայտիչ էր խոսում հարևան տան պատի մասին, որ անպայման կկարոտի այդ պատին, համոզված եղեք։

— Ճիշտ ասաց. կկռվի, կխռովի հետդ ու կմեկնի, ահա քեզ ամբողջ պատմությունը։

Եվ Լիզավետա Պրոկոֆևնան արժանապատվությամբ մոտ քաշեց իր ձեռագործի զամբյուղը, մոռանալով, որ բոլորն արդեն վեր էին կենում զբոսանքի գնալու։

— Ես հիշում եմ, որ նա այդ պատով շատ էր պարծենում,— վրա բերեց նորից Եվգենի Պավլովիչը,— առանց այդ պատի նա չի կարող պերճախոսորեն մեռնել, իսկ նա շատ է ուզում պերճախոսորեն մեռնել։

— Հետո՞ ինչ,— փնթփնթաց իշխանը։— Եթե դուք չեք ուզենա նրան ներել, նա առանց ձեզ էլ կմեռնի... հիմա նա ծառերի համար է տեղափոխվել։

— Օ, իմ կողմից ես նրան ամեն ինչ ներում եմ, կարող եք սա հայտնել նրան։

— Դա այդպես չպետք է հասկանալ,— կամացուկ և կարծես ակամա պատասխանեց իշխանը, շարունակելով նայել հատակի վրա մի կետի և աչքերն առանց բարձրացնելու պետք է այնպես, որ դուք էլ համաձայնեք ընդունել նրա ներումը։

— Իսկ ե՞ս այստեղ ինչ գործ ունեմ։ Ես ինչո՞վ եմ մեղավոր նրա առաջ։

— Եթե չեք հասկանում, ապա․․․ բայց չէ՞ որ դուք հասկանում եք, նա այն ժամանակ ուզում էր ձեզ բոլորին օրհնել և ձեզնից օրհնություն ստանալ, ահա և բոլորը․․․

— Սիրելի իշխան,— մի տեսակ վախվխելով վրա բերեց իշխան Շչ֊ն, հայացք փոխանակելով ներկաներից մի քանիսի հետ,— երկրային դրախտը հեշտությամբ չի հաջողվում, իսկ դուք համենայն դեպս մի քիչ հույս եք դնում դրախտի վրա, դրախտը դժվար բան է, իշխան, շատ ավելի դժվար, քան թվում է ձեր սքանչելի սրտին։ Վերջ տանք, ավելի լավ է, թե չէ մենք բոլորս նորից անհարմար դրության մեջ կընկնենք և այն ժամանակ․․․

— Գնանք երաժշտություն լսելու,— կտրուկ ասաց Լիզավետա Պրոկոֆևնան, բարկացած վեր կենալով տեղից։

Նրա հետևից վեր կացան բոլորը։

II

Իշխանը հանկարծ մոտեցավ Եվգենի Պավլովիչին։

— Եվգենի Պավլովիչ,— ասաց նա տարօրինակ տաքարյունությամբ բռնելով նրա ձեռքը,— համոզված եղեք, որ ես ձեզ համարում եմ ամենաազնիվ ու լավ մարդը, չնայած ոչ մի բանի, համոզված եղեք դրանում․․․

Եվգենի Պավլովիչը զարմանքից նույնիսկ մի քայլ ետ գնաց։ Մի վայրկյան նա զսպում էր ծիծաղի անտանելի նոպան․ բայց ավելի ուշադիր նայելով, նա նկատեց, որ իշխանը կարծես թե իրեն կորցրել էր, համենայն դեպս ինչ-որ առանձնահատուկ վիճակում էր։

— Գրազ կգամ,— բացականչեց նա,— որ դուք, իշխան, բոլորովին ուրիշ բան էիք ուզում ասել և, կարող է պատահել, բոլորովին էլ ոչ ինձ․․․ բայց ձեզ ի՞նչ է պատահել։ Վատ չե՞ք զգում արդյոք։

— Կարող է պատահել, շատ կարող է պատահել, և դուք շատ նրբորեն նկատեցիք, որ, գուցե, ձեզ չէի ուզում մոտենալ ես։

Այդ ասելով, նա մի տեսակ տարօրինակ և նույնիսկ ծիծաղելի ժպտաց, բայց հանկարծ, ասես բորբոքվելով, բացականչեց.

— Ինձ մի հիշեցրեք իմ երեք օր առաջվա արարքը։ Ես շատ էի ամաչում այս երեք օրը... ես գիտեմ, որ մեղավոր եմ...

— Բայց... բայց ի՞նչ մի սարսափելի բան եք արել դուք։

— Ես տեսնում եմ, որ դուք, գուցե, բոլորից ավելի եք ամաչում իմ փոխարեն, Եվգենի Պավլովիչ. դուք շիկնում եք, դա սքանչելի սրտի հատկությունն է։ Ես հիմա կգնամ, համոզված եղեք։

— Այդ ի՞նչ է ասում։ Նրա նոպաներն այդպե՞ս են սկսվում, թե ինչ,— վախեցած դիմեց Լիզավետա Պրոկոֆևնան Կոլյային։

— Ուշադրություն մի դարձրեք, Լիզավետա Պրոկոֆևնա, սա նոպա չի. ես հիմա կգնամ։ Ես գիտեմ, որ բնությունն ինձ նեղացրել է։ Ես քսանչորս տարի հիվանդ եմ եղել, ծնված օրից մինչև քսանչորս տարեկան հասակս։ Հիմա էլ իբրև հիվանդ ընդունեցեք։ Ես հիմա կգնամ, հիմա, համոզված եղեք։ Ես չեմ կարմրում, որովհետև չէ՞ որ տարօրինակ կլիներ դրա համար կարմրելը, ճիշտ չէ՞, բայց հասարակության մեջ ես ավելորդ եմ․․․ Սա ինքնասիրությունից չեմ ասում։ Ես այս երեք օրը մտածում էի և որոշեցի, որ ազնվորեն ու անկեղծորեն պետք է տեղեկացնեմ ձեզ առաջին իսկ դեպքում։ Կան այնպիսի գաղափարներ, կան վսեմ գաղափարներ, որոնց մասին ես չպետք է սկսեմ խոսել, որովհետև անպայման բոլորի ծիծաղը կշարժեմ. իշխան Շչ֊ն այդ մասին ինձ հիշեցրեց հիմա... Ես չունեմ վայելուչ ժեստ, չափի զգացում չունեմ, իմ խոսքերն ուրիշ են, և ոչ թե մտքին համապատասխան, իսկ դա ստորացում է այդ մտքերի համար։ Դրա համար էլ ես իրավունք չունեմ... ըստ որում ես կասկածամիտ եմ, ես․․․ ես համոզված եմ, որ այս տանը չեն կարող ինձ նեղացնել և ավելի են սիրում, քան արժանի եմ, բայց ես գիտեմ (ախր ես հաստատ գիտեմ), որ հիվանդության քսան տարուց հետո անպայման ինչ֊որ բան պետք է մնացած լիներ, այնպես որ չի կարելի ինձ վրա չծիծաղել... երբեմն... այնպես չէ՞։

Նա շուրջը նայելով, կարծես թե սպասում էր պատասխանի ու վճռի։ Բոլորը ծանր տարակուսանքի մեջ էին այդ անսպասելի, հիվանդագին և, թվում է, համենայն դեպս պատճառազուրկ արարմունքից։ Բայց այդ արարմունքը մի տարօրինակ միջադեպի առիթ տվեց։

— Ինչո՞ւ եք դուք դա ասում այստեղ,— հանկարծ ճչաց Ագլայան,— ինչո՞ւ եք դա սրա՛նց ասում։ Սրա՛նց։ Սրա՛նց։

Թվում էր, նա վրդովմունքի ծայր աստիճանին էր հասել, նրա աչքերը կայծեր էին արձակում։ Իշխանը կանգնել էր նրա առաջ լուռ ու անձայն և հանկարծ գունատվեց։

— Այստեղ ոչ մեկը չկա, որ արժանի լինի այդպիսի խոսքերի,— պոռթկաց Ագլայան,— այստեղ բոլորը, բոլորը չարժեն ձեր ճկույթին, ոչ ձեր խելքին, ոչ սրտին։ Դուք բոլորից ազնիվ եք, բոլորից ազնվաբարո, բոլորից լավ, բոլորից բարի, բոլորից խելացի։ Այստեղ կան մարդիկ, որ անարժան են կռանալու և բարձրացնելու ձեր թաշկինակը, որ հիմա վայր գցեցիք... էլ ինչո՞ւ եք ձեզ ստորացնում և բոլորից ցած դասում։ Ինչո՞ւ ամեն ինչ աղավաղել եք ձեր մեջ, ինչո՞ւ ձեր մեջ հպարտություն չկա։

— Տե՜ր իմ, ո՞ւմ մտքով կանցներ,— ձեռներն իրար խփեց Լիզավետա Պրոկոֆևնան։

― Աղքատ ասպե՜տ։ Ուռա՜,— հափշտակությամբ բղավեց Կոլյան։

― Լռո՜ւմ ձք... Ինչպե՞ս են համարձակվում վիրավորել ինձ այստեղ՝ ձեր տանը,— հանկարծ հարձակվեց Ագլայան Լիզավետա Պրոկոֆևնայի վրա, արդեն այն հիստերիկ վիճակում, երբ չեն նայում ոչ մի սահմանի և անցնում են բոլոր արգելքներից։— Ինչո՞ւ ինձ բոլորը, բոլորը մինչև վերջինը, տանջում են։ Ինչո՞ւ նրանք, իշխան, ամբողջ երեք օր օձիքիցս են կպել ձեր պատճառով։ Ես ոչ մի դեպքում չեմ ամուսնանա ձեզ հետ։ Իմացեք, որ ոչ մի դեպքում և երբե՛ք։ Իմացե՜ք այդ։ Մի՞թե կարելի է ձեզ նման ծիծաղելիի հետ ամուսնանալ։ Դուք հիմա հայելու մեջ նայեցեք ձեզ, ի՜նչ տեսք ունեք հիմա։ Ինչո՞ւ, ինչո՞ւ են նրանք ինձ ձեռ առնում, թե ես կամուսնանամ ձեզ հետ։ Դուք պետք է որ իմանաք այդ։ Դուք էլ դավադրության մեջ եք նրանց հետ։

— Ոչ ոք երբեք ձեռ չի առել,— վախեցած քրթմնջաց Ադելաիդան։

— Ոչ ոքի մտքով չի անցել, այդպիսի խոսք չի ասվել,— բացականչեց Ալեքսանդրա Իվանովնան։

― Ո՞վ է նրան ձեռ առել։ Ե՞րբ են ձեռ առել։ Ո՞վ կարող է դա ասել նրան։ Նա զառանցո՞ւմ է, թե ոչ,— զայրույթից դողալով, դիմում էր բոլորին Լիզավետա Պրոկոֆևնան։

— Բոլորն ասում էին, բոլորը, մինչև վերջինը, ամբողջ երեք օր։ Ես երբեք, երբեք չեմ ամուսնանա նրա հետ։

Ճչալով այդ, Ագլայան դառն արցունք թափեց, դեմքը ծածկեց թաշկինակով և ընկավ աթոռին։

— Բայց նա քեզ դեռ չի էլ խնդ...

— Ես ձեզ չեմ խնդրել, Ագլայա Իվանովնա,― հանկարծ դուրս թռավ իշխանի բերանից։

― Ի֊ի՜նչ,― զարմացած, զայրացած, սարսափած ծոր տվեց հանկարծ Լիզավետա Պրոկոֆևնան,— ինչ ա֊սա֊ցի՞ր։

Նա իր ականջներին չէր ուզում հավատալ։

— Ես ուզում էի ասել... ես ուզում էի ասել,— սկսեց դողդողալ իշխանը,— ես ուզում էի միայն պարզաբանել Ագլայա Իվանովնային... այդպիսի պատիվ ունենալ բացատրելու, որ ես բնավ մտադրություն չունեի... պատիվ ունենալ նրա ձեռքը խնդրելու․․․ նույնիսկ երբևիցե... ես այստեղ ոչնչով մեղավոր չեմ, աստված վկա մեղավոր, չեմ, Ագլայա Իվանովնա։ Ես երբեք չեմ ուզել, և երբեք մտքումս չի եղել, երբեք չեմ ուզի, ինքներդ կտեսնեք, համողվա՛ծ եղեք։ Այստեղ որևէ չար մարդ ինձ զրպարտել է ձեր առաջ։ Հանգի՜ստ եղեք։

Այդ ասելով նա մոտեցավ Ագլայային։ Սա հեռացրեց թաշկինակը, որով ծածկել էր երեսը, արագ նայեց իշխանին, նրա ողջ վախեցած կերպարանքին, ըմբռնեց նրա խոսքերը և հանկարծ ուղղակի հռհռաց նրա երեսին, այնպիսի ուրախ ու անզուսպ հռհռոցով, այնպիսի ծիծաղաշարժ ու ծաղրալի ծիծաղով, որ Ադելաիդան առաջինը չդիմացավ, մանավանդ, երբ նույնպես նայեց իշխանին, նետվեց դեպի գրկեց նրան և հռհռաց նույնպիսի անզուսպ, աշակերտական ուրախ ծիծաղով, ինչպես և նա։ Սրանց նայելով, հանկարծ ժպտալ սկսեց և իշխանը և ուրախ ու երջանիկ արտահայտությամբ սկսեց կրկնել.

— Դե, փա՛ռք աստծու, փա՛ռք աստծու։

Այստեղ արդեն չդիմացավ և Ալեքսանդրան և սկսեց ամբողջ սրտով հռհռալ։ Թվում էր, բոլոր երեքի այդ ծիծաղը վերջ չի ունենա։

— Այ քեղ խելագարնե՜ր,— փնթփնթաց Լիզավետա Պրոկոֆևնան,— մեկ վախեցնում են, մեկ էլ...

Բայց արդեն ծիծաղում էր նաև իշխան Շչ֊ն, ծիծաղում էր և Եվգենի Պավլովիչը, առանց լռելու հռհռում էր Կոլյան, բոլորին նայելով, հռհռում էր նաև իշխանը։

— Գնանք զբոսանքի, գնանք զբոսանքի,― բղավում էր Ադելաիդան,— բոլորս միասին և անպայման իշխանն էլ մեզ հետ. կարիք չկա, որ գնաք, դուք, սիրելի մարդ։ Ի՜նչ հաճելի մարդ է նա, Ագլայա։ Այնպես չէ՞, մայրիկ։ Համ էլ ես պետք է անպայման, անպայման համբուրեմ նրան և գրկեմ նրան Ագլայայի հետ հիմա ունեցած նրա բացատրության համար։ Maman, սիրելիս, թույլ կտա՞ք համբուրել նրան։ Ագլայա, թույլ տուր համբուրեմ քո իշխանին,— բղավեց չարաճճին և իրոք մոտ թռավ իշխանին ու համբուրեց նրա ճակատը։ Սա բռնեց Ադելաիդայի ձեռները, պինդ սեղմեց, այնպես, որ Ադելաիդան քիչ մնաց ճչար, անսահման ուրախությամբ նայեց նրան և հանկարծ նրա ձեռքը արագ մոտեցրեց շրթունքներին և երեք անգամ համբուրեց։

— Դե գնա՜նք,— կանչում էր Ագլայան։— Իշխան, դուք կուղեկցեք ինձ։ Կարելի՞ է դա, maman։ Ինձ մերժող փեսային։ Չէ՞ որ դուք առհավետ հրաժարվեցիք ինձնից, իշխան։ Այդպես չէ, այդպե՛ս չեն առաջարկում ձեռքը դամային, մի՞թե չգիտեք, թե ինչպես պետք է թևանցուկ անել դամային։ Ահա այսպես, գնանք, մենք կգնանք բոլորի առջևից․ ուզո՞ւմ եք գնալ բոլորի առջևից, tête-à-tête։

Նա խոսում էր անընդհատ, դեռ շարունակ ծիծաղի պոռթկումներով։

— Փա՜ռք աստծու, փա՜ռք աստծու,— կրկնում էր Լիզավետա Պրոկոֆևնան, ինքն էլ չիմանալով, թե ինչի վրա է ուրախանում։

«Շատ տարօրինակ մարդիկ են»,― մտածեց իշխան Շչ֊ն, գուցե արդեն հարյուրերորդ անգամ այն ժամանակից ի վեր, որ մտերմացել էր նրանց հետ, բայց... նրան դուր էին գալիս այդ տարօրինակ մարդիկ։ Ինչ վերաբերում է իշխանին, ապա, թերևս, նա այնքան էլ դուր չէր գալիս նրան։ Իշխան Շչ-ն փոքր֊ինչ խոժոռված և կարծես մտահոգված էր, երբ բոլորը դուրս եկան զբոսանքի։

Եվգենի Պավլովիչը, թվում է, ամենաուրախ տրամադրության մեջ էր, մինչև կայարան ամբողջ ճանապարհին ծիծաղեցնում էր Ալեքսանդրային և Ադելաիդային, որոնք արդեն ինչ-որ չափազանց առանձնահատուկ պատրաստակամությամբ էին ծիծաղում նրա կատակների վրա, այն աստիճան, որ նա մի քիչ սկսեց կասկածել, որ նրանք գուցե բոլորովին էլ չեն լսում իրեն։ Այդ մտքից նա հանկարծ և առանց պատճառը բացատրելու, վերջապես, սկսեց սաստիկ ու բոլորովին անկեղծ քրքջալ (այդպես էր նրա բնավորությունը)։ Քույրերը, որոնք, ի դեպ, ամենատոնական տրամադրության մեջ էին, անընդհատ նայում էին առջևից գնացող Ագլայային ու իշխանին. երևում էր, որ կրտսեր քույրիկը նրանց առաջ մեծ հանելուկ էր դրել։ Իշխան Շչ֊ն շարունակ ջանում էր խոսակցություն սկսել Լիզավետա Պրոկոֆևնայի հետ կողմնակի նյութերի մասին, գուցե նրան զբաղեցնելու համար, և սարսափելի ձանձրացրեց նրան։ Թվում է, նրա բոլոր մտքերը ջարդուփշուր էին եղել, անպատեհ պատասխաններ էր տալիս և երբեմն էլ բոլորովին չէր պատասխանում։ Բայց Ագլայա Իվանովնայի հանելուկները այդ երեկո դեռ չէին վերջացել։ Վերջին հանելուկը արդեն բաժին ընկավ միայն իշխանին։ Երբ ամառանոցից մոտ հարյուր քայլ հեռացել էին, Ագլայան արագ կիսաշշուկով ասաց իր համառորեն լոող կավալերին.

— Նայեցեք դեպի աջ։

Իշխանը նայեց։

— Ուշադիր նայեցեք։ Տեսնո՞ւմ եք այն նստարանը զբոսայգում, ահա որտեղ այն երեք մեծ ծառերն են... կանաչ նստարանը։

Իշխանը պատասխանեց, որ տեսնում է։

— Ձեզ գուր գալի՞ս՝ է տեղադրությունը։ Ես երբեմն վաղ, ժամը մոտավորապես առավոտվա յոթին, երբ բոլորը դեռ քնած են, գալիս եմ այստեղ մենակ նստելու։

Իշխանը մրթմրթաց, որ տեղադրությունը սքանչելի է։

— Իսկ հիմա գնացեք իմ մոտից, ես այլևս չեմ ուզում ձեզ հետ թևանցուկ գնալ։ Կամ ավելի լավ է, քայլեցեք թևանցուկ, բայց ինձ հետ ոչ մի խոսք մի փոխանակեք։ Ես ուզում եմ մենակ մտածել ինքս ինձ համար...

Բոլոր դեպքերում զուր նախազգուշացում․ իշխանը հավանաբար առանց հրամանի էլ ամբողջ ճանապարհին ոչ մի բառ չէր արտասանի։ Նրա սիրտը ուժգին թրթռաց, երբ նա լսեց նստարանի մասին։ Մի րոպե անց նա ուշքի եկավ և ամոթով վանեց իր անհեթեթ միտքը։

Պավլովսկյան կայարանում լի օրերը, ինչպես հայտնի է, և համենայն դեպս ինչպես բոլորը հաստատում են, «ավելի ընտիր» հասարակություն է հավաքվում, քան կիրակի և տոն օրերին, երբ քաղաքից հավաքվում գալիս են «ամեն տեսակ մարդիկ»։ Հագուստները տոնական չեն, բայց նրբագեղ են։ Հաճելի է հավաքվել երաժշտություն լսելու։ Նվագախումբը՝ գուցե մեր զբոսայգիների նվագախմբերից իրոք լավագույնը, նվագում է նոր բաներ։ Պարկեշտությունն ու պատշաճությունը լինում է արտասովոր, չնայած ընտանեկանության ու նույնիսկ մտերմիկության որոշ ընդհանուր տեսքին։ Ծանոթները, բոլորը հովեկներ, հավաքվում են իրար երես տեսնելու։ Շատերը դա անում են իսկական բավականությամբ և գալիս են միայն դրա համար, բայց կան և այնպիսիները, որոնք գալիս են միայն երաժշտության համար։ Սկանդալները արտասովոր կերպով քիչ են, թեև, սակայն, լինում են նաև լի օրերը։ Բայց չէ՞ որ առանց դրա անհնար է։

Այս անգամ երեկոն սքանչելի էր և ժողովուրդ էլ բավականաչափ կար։ Նվագախմբի մոտի բոլոր տեղերը գրավված էին։ Մեր խումբը տեղավորվեց փոքր֊ինչ մի կողմ դրված աթոռների վրա, կայարանի ամենաձախակողմյան ելքին մոտիկ։ Ամբոխը, երաժշտությունը որոշ չափով աշխուժացրին Լիզավետա Պրոկոֆևնային և զվարճացրին օրիորդներին, որոնք կարողացան հայացքներ փոխանակել ծանոթներից ոմանց հետ և հեռվից սիրալիր գլուխ տալ ոմանց. ժամանակ գտան զննելու հագուստները, նկատելու որոշ տարօրինակություններ, իրար հետ խոսել այդ մասին, ծաղրական ժպտալ։ Եվգենի Պավլովիչը նույնպես շատ հաճախ ողջույններ էր տալիս-առնում։ Ագլայայի և իշխանի վրա, որոնք դեռ միասին էին, ոմանք արդեն ուշադրություն դարձրին։ Շուտով մայրիկին և օրիորդներին մոտեցան ծանոթ երիտասարդներից ոմանք. երկուսը թե երեքը մնացին զրուցելու. բոլորը բարեկամ էին Եվգենի Պավլովիչին։ Նրանց մեջ էր գտնվում մի երիտասարդ ու շատ գեդեցիկ սպա, շատ ուրախ, շատ զրուցասեր. նա շտապեց խոսակցություն սկսել Ագլայայի հետ և ամբողջ ուժով ջանում էր իր վրա հրավիրել նրա ուշադրությունը։ Ագլայան նրա հետ վարվում էր շատ ողորմածաբար և չափազանց ծիծաղկոտ էր։ Եվգենի Պավլովիչը թույլտվություն խնդրեց իշխանից՝ վերջինիս այդ բարեկամի հետ ծանոթացնելու․ իշխանը հազիվ հասկացավ, թե ինչ են ուզում իրենից, բայց ծանոթությունը կայացավ, երկուսն էլ իրար ողջունեցին ու միմյանց ձեռք մեկնեցին։ Եվգենի Պավլովիչի բարեկամը մի հարց տվեց, բայց իշխանը, կարծես, դրան չպատասխանեց կամ այն աստիճան տարօրինակ մի բան ծամծմեց ինքն իրեն, որ սպան նայեց նրան շատ ուշադիր, հետո նայեց Եվգենի Պավլովիչին, անմիջապես հասկացավ, թե նա ինչու էր հնարել այդ ծանոթացումը, թեթևակի քմծիծաղ տվեց և նորից դարձավ Ագլայային։ Միայն Եվգենի Պավչովիչը նկատեց, որ այդ ժամանակ Ագլայան հանկարծ շիկնեց։

Իշխանը նույնիսկ այն էլ չէր նկատում, որ ուրիշները խոսում ու սիրաբանում են Ագլայայի հետ, նույնիսկ րոպեներ էին լինում, երբ նա մոռանում էր, որ ինքն էլ նստած է նրա կողքին։ Երբեմն նա ուզում էր գնալ մի տեղ, բոլորովին չքանալ այստեղից, և նույնիսկ նրան դուր կգար մռայլ, ամայի մի տեղ, միայն թե մենակ լիներ իր մտքերի հետ, և որպեսզի ոչ ոք չիմանար, թե նա որտեղ է գտնվում։ Կամ գոնե իր տանը լիներ, պատշգամբում, բայց այնպես, որ այդտեղ ոչ ոք չլիներ, ոչ Լեբեդևը, ոչ երեխաները։ Նետվեր իր բազմոցին, գլուխը թաղեր բարձի մեջ և այդպես պառկած մնար մի օր, մի գիշեր, էլի մի օր։ Որոշ վայրկյաններ նա երազում էր և լեռների մասին, և հատկապես մի ծանոթ կետի մասին լեռներում, որը նա միշտ սիրում էր մտաբերել և ուր սիրում էր գնալ, երբ դեռ այնտեղ էր ապրում, և այնտեղիը ցած նայել գյուղին, ներքևում հազիվ առկայծող ջրվեժի բարակ թելին, սպիտակ ամպերին, լքված հին ամրոցին։ Օ՜, ինչպես էր ուզում նա հիմա այնտեղ հայտնվել և մտածել մի բանի մասին, օ՜, ամբողջ կյանքում միայն այդ մասին, և հազար տարվա համար հերիք էր։ Եվ թող, թող այստեղ նրան բոլորովին մոռանան։ Օ, դա նույնիսկ պետք է, նույնիսկ ավելի լավ է, եթե բոլորովին չճանաչեին նրան և այդ ամբողջ տեսիլը լիներ միայն երազում։ Եվ մի՞թե միևնույն չէ, երազո՞ւմ, թե արթմնի։ Երբեմն նա հանկարծ հինգական րոպե նայում էր Ագլայային և հինգական րոպե հայացքը չէր կտրում նրա երեսիը. բայց նրա հայացքը խիստ տարօրինակ էր. թվում էր, նա Ագլայային նայում էր ինչպես իրենից երկու վերստ հեռու գտնվող առարկայի, կամ կարծես նրա պատկերին, և ոչ թե հենց իրեն։

— Ի՞նչ եք այդպես նայում ինձ, իշխան,— ասաց նա հանկարծ, ընդհատելով զվարթ խոսակցությունն ու ծիծաղը շրջապատոզների հետ։— Ես ձեզնից վախենում եմ, ինձ շարունակ թվում է, թե դուք ուզում եք մեկնել ձեր ձեռքը և մատներով դիպչել երեսիս՝ շոշափելու համար։ Ճիշտ չէ՞, Եվգենի Պավլիչ, նա այդպես է նայում։

Իշխանը լսեց, թվում է, զարմացած, որ իրեն դիմեցին, գլխի ընկավ, թեև, գուցե, լիովին չհասկացավ, չպատասխանեց, բայց տեսնելով, որ Ագլայան և բոլորը ծիծաղում են, հանկարծ բերանը բացեց ու սկսեց ինքն էլ ծիծաղել։ Շուրջը ծիծաղը սաստկացավ. սպան, ըստ երևույթին ծիծաղկոտ մարդ, ուղղակի փռթկաց ծիծաղից։ Ագլայան հանկարծ զայրագին շշնջաց ինքն իրեն.

— Ապո՛ւշ։

— Տե՜ր իմ։ Մի՞թե նա դրա նմանին... մի՞թե նա բոլորովին խելքը կթռցնի,— ինքն իրեն կրճտացրեց Լիզավետա Պրոկոֆևնան։

— Դա կատակ է։ Դա նույն կատակն է, ինչ որ այն ժամանակ «աղքատ ասպետը»,― հաստատ շշնջաց նրա ականջին Ալեքսանդրան,— և ուրիշ ոչինչ։ Ագլայան, յուրովի, նրան նորից ձեռ է առնում։ Միայն թե շատ հեռու է գնացել այդ կատակը. դրան պետք է վերջ տալ, maman։ Քիչ առաջ նա դերասանուհու պես ծամածռվում էր, չարաճճիության համար մեզ վախեցրեց․․․

— Դեռ չավ է, որ այդպիսի ապուշի է հանդիպել,— շշուկով պատասխանեց նրան Լիզավետա Պրոկոֆևնան ։ Աղջկա դիտողությունը համենայն դեպս թեթևացրեց նրան։

Իշխանը, սակայն, լսեց, թե ինչպես իրեն ապուշ անվանեցին, և ցնցվեց, բայց ոչ նրանից, որ իրեն ապուշ անվանեցին։ «Ապուշը» նա իսկույն մոռացավ։ Բայց ամբոխի մեջ, իր նստած տեղից ոչ հեռու, ուր-որ կողքից,― նա ոչ մի դեպքում չէր կարողանա ցույց տալ, ստույգ որտեղ և որ կետում,— երևաց մի դեմք, գունատ դեմք՝ թուխ գանգուր մազերով, ծանոթ, շատ ծանոթ ժպիտով ու հայացքով, երևաց ու անհայտացավ։

Շատ հնարավոր է, որ դա միայն թվաց նրան, ամբողջ տեսիլքից նրա տպավորության մեջ մնացին ծուռ ժպիտը, աչքերը և պճնամոլի բաց-կանաչ փողկապը, աչքին երևացած պարոնի վզին։ Արդյոք ամբոխի մե՞ջ կորավ այդ պարոնը, թե վստաց կայարան, իշխանը նույնպես չէր կարող որոշել։

Բայց մի րոպե անց նա հանկարծ արագ և անհանգիստ սկսեց շուրջը նայել. այդ առաջին տեսիլը կարող էր երկրորդ տեսիլի նախագուշակն ու նախակարապետը լինել։ Դա հաստատ պետք է լիներ։ Մի՞թե նա մոռացել էր հնարավոր հանդիպման մասին, երբ գալիս էին կայարան։ Ճիշտ է, երբ նա գալիս էր կայարան, այնպիսի վիճակում էր, որ կարծես նույնիսկ բոլորովին չգիտեր, թե այստեղ է գալիս։ Եթե նա իմանար կամ կարողանար ավելի ուշադիր լինել, ապա դեռ քառորդ ժամ առաջ կարող կլիներ նկատել, որ Ագլայան մեկ-մեկ և նույնպես կարծես թե անհանգստացած հարևանցի նայում էր չորս կողմը, կարծես նույնպես շուրջը ինչ֊որ բան էր փնտրում։ Հիմա, երբ իշխանի անհանգստությունը շաա նկատելի դարձավ, աճեց Ագլայայի հուզմունքն ու անհանգստությունը, և հենց իշխանը ետ էր նայում, գրեթե անմիջապես ետ էր նայում և Ագլայան։ Տագնապի լուծումը շուտով վրա հասավ։

Կայարանի հենց այն կողքի ելքից, որին մոտիկ տեղավորվել էին իշխանն ու Եպանչինների ամբողջ խումբը, հանկարծ առնվազն տասը հոգուց բաղկացած մի ողջ ամբոխ երևաց։ Ամբոխի առջևում երեք կին կար. նրանցից երկուսը զարմանալի գեղեցիկ էին և ոչ մի տարօրինակ բան չկար, որ նրանց հետևից այդքան երկրպագուներ են շարժվում։ Բայց թե՛ երկրպագուները, թե՛ կանայք՝ այդ բոլորը ինչ֊որ առանձնահատուկ բան էր, որ բոլորովին նման չէր երաժշտության համար հավաքված մյուս ամբողջ հասարակությունը։ Նրանց անմիջապես նկատեցին գրեթե բոլորը, բայց մեծ մասամբ աշխատում էին ցույց տալ, թե նրանց բոլորովին չեն տեսնում, և լոկ երիտասարդներից մի քանիսը ժպտացին նրանց վրա, կիսաձայն ինչ֊որ բան հաղորդելով միմյանց։ Նրանց բոլորովին չտեսնել չկր կարելի. նրանք բացահայտորեն ազդարարում էին իրենց մասին, խոսում էին բարձրաձայն, ծիծաղում։ Կարելի էր ենթադրել, որ նրանցից շատերը խմած էին, թեև մի քանիսը պճնագեղ ու նուրբ կոստյումներով էին. բայց հենց նրանց հետ կային և շատ տարօրինակ արտաքինով մարդիկ, տարօրինակ հագուստով, տարօրինակ բորբոքված հայացքներով, նրանց մեջ կային մի քանի զինվորականներ, կային և ոչ երիտասարդներ. կային շքեղ ու հարմարաձև հագնվածներ, լայն և նուրբ կարված զգեստներով, մատանիներով ու ճարմանդներով, հոյակապ ձյութասև կեղծամներով և այտամորուսներով և դեմքի առանձնահատուկ ազնվաբարո, թեև մի քիչ զզվանք արտահայտող տեսքով, որպիսի մարդկանցից, սակայն, հասարակության մեջ խուսափում են ինչպես ժանտախտից։ Մեր արտաքաղաքային հավաքույթների մեջ, իհարկե, լինում են և այնպիսիները, որ աչքի են ընկնում արտասովոր վայելչությամբ և առանձնապես լավ համբավ ունեն. բայք ամենազգույշ մարդն էլ չի կարող պաշտպանվել հարևան տան կտուրից ցած ընկնող աղյուսից։ Հենց այդ աղյուսը հիմա պատրաստվում էր ընկնել երաժշտության շուրջը հավաքված վայելուչ հասարակության գլխին։

Որպեսզի կայարանից անցնեն այն հրապարակը, որտեղ նվագախումբն է տեղավորված, պետք է ցած իջնել երեք աստիճան։ Հենց այդ աստիճանների մոտ կանգ առավ ամբոխը. ցած իջնել սիրտ չէր անում, բայց կանանցից մեկն առաջ անցավ. շքախմբից նրան հետևել համարձակվեցին միայն երկուսը։ Մեկը բավական համեստ տեսքով միջին տարիքի մարդ էր, ամեն տեսակետից կարգին արտաքինով, բայց իսկական մենակյացի տեսքով, այսինքն' այնպիսինեբից, որոնք երբեք ոչ ոքի չեն ճանաչում և որոնց ոչ ոք չի ճանաչում։ Մյուսը, որ ետ չէր մնացել իր դամայից, ամենաերկիմաստ տեսքով, բոլորովին գջլոտի մեկն էր։ Ուրիշ ոչ ոք չգնաց էքսցենտրիկ տիկնոջ հետևից. բայց, ցած իջնեչով, նա նույնիսկ ետ չնայեց, կարծես նրա համար բոլորովին մեկ էր, արդյոք գալի0ս են իբ հետևից, թե ոչ։ Նա ծիծաղում և առաջվա պես բարձրաձայն խոսում էր։ Նա հագնված էր արտասովոր ճաշակով ու հարուստ, բայց մի քիչ ավելի շքեղ, քան պետք էր։ Նա նվագախմբի մոտով ուղղվեց հրապարակի մյուս կողմը, որտեղ ճանապարհի մոտ ինչ-որ մեկի կառքը սպասում էր մեկին։

Իշխանը նրան չէր տեսել արդեն ավելի քան երեք ամիս։ Պետերբուրգ գալուց հետո այդ բոլոր օրերը նա պատրաստվում էր նրա մոտ գնալ, բայց գուցե թաքուն նախազգացումը ետ էր պահում իշխանին։ Համենայն դեպս նա ոչ մի կերպ չէր կարող կռահել առաջին տպավորությունը նրա հետ հանդիպելիս, այնինչ իշխանը երբեմն սարսափով ճգնում էր պատկերացնել դա։ Մի բան պարզ էր նրա համար, որ հանդիպումը ծանր կլինի։ Այս վեց ամսվա ընթացքում նա մի քանի անգամ մտաբերել էր այն առաջին զգացողությունը, որ նրա մեջ առաջացրել էր այդ կնոջ դեմքը, երբ նա դեռևս միայն պատկերն էր տեսել, բայց նույնիսկ նկարից ստացած տպավորության մեջ, մտաբերում էր նա, շատ ծանր բան կար։ Այն ամիսը գավառում, երբ իշխանր գրեթե ամեն օր տեսնվում էր նրա հետ, իշխանի վրա սոսկալի ազդեցություն էր թողել, այն աստիճան, որ իշխանը երբեմն իրենից վանում էր այդ ոչ վաղուցվա հիշողությունն անգամ։ Այդ կնոջ բուն դեմքին իշխանի համար միշտ ինչ-որ տանջալի բան կար, Ռոգոժինի հետ խոսելիս նա այդ զգացումը բացատրեց որպես անսահման խղճահարության զգացմունք, և դա ճիշտ էր, այդ դեմքը, դեռ պատկերի միջից, իշխանի սրտում առաջացնում էր խղճահարության մի ամբողջ տառապանք, այդ էակի համար բարեկցության, նույնիսկ տառապանքի զգացումը երբեք չէր հեռանում նրա սրտից, չհեռացավ և հիմա։ Օ, ոչ, նույնիսկ ավելի ուժգին էր։ Բայց Ռոգոժինին ասածից իշխանը դժգոհ էր մնացել. և միայն հիմա, նրա անակնկալ հայտնվելու, այդ ակնթարթին, իշխանը, գուցե, անմիջական զգացողությամբ հասկացավ, թե ինչն էր պակասում Ռոգոժինին ասած իր խոսքերում։ Պակասում էին այն խոսքերը, որոնք կարող լինեին սարսափ արտահայտել. այո, սարսա՜փ։ Նա հիմա, այս րոպեիս, լիովին զգում էր այդ սարսափը. նա հավատացած էր, լիովին համոզված էր, իր հատուկ պատճառներով, որ այդ կինը խելագար է։ Եթե մարդ, սիրելով մի կնոջ աշխարհում ամեն ինչից ավելի կամ կանխաճաշակելով այդպիսի սիրո հնարավորությունը, հանկարծ նրան տեսնի շղթայակապ, երկաթե վանդակի հետևում, վերակացուի մահակի տակ, ապա այդպիսի տպավորությունը մի քիչ նման կլիներ այն տպավորությանը, որ հիմա զգաց իշխանը։

— Ձեզ ի՞նչ է պատահել,— արագ շշնջաց Ագլայան, նայելով նրան և միամտորեն ձիգ տալով նրա թևը։

Նա գլուխը շրջեց Ագլայայի կողմը, նայեց նրան, նայեց նրա սև, այդ րոպեին իշխանի համար անհասկանալիորեն փայլող աչքերի մեջ, փորձեց ժպտալ նրան, բայց հանկարծ, վայրկենաբար մոռանալով նրան, նորից աչքերը հառեց դեպի աջ և նորից սկսեց հետևել իր արտակարգ տեսիլին։ Նաստասյա Ֆիլիպովնան այդ րոպեին անցնում էր հենց օրիորդների աթոռների մոտով։ Եվգենի Պավլովիչը շարունակում էր ըստ երևույթին շատ ծիծաղելի և հետաքրքիր մի բան պատմել Ալեքսանդրա Իվանովնային, ասում էր արագ ու ոգևորված։ Իշխանը հիշում էր, որ Ագլայան հանկարծ կիսաշշուկով արտասանեց. «ինչպիսի...»։

Անորոշ ու թերասած մի բառ. Ագլայան վայրկենաբար զսպեց իրեն և այլևս ոչինչ չավելացրեց, բայց այդքանն արդեն բավական էր։ Նաստասյա Ֆիլիպովնան, որ անցնում էր կարծես թե հատկապես չնկատելով որևէ մեկին, հանկարծ շուռ եկավ նրանց կողմը և կարծես թե նոր միայն նկատեց Եվգենի Պավլովիչին։

— Վ-վա՛հ։ Տեսեք, ահա նա՜,— բացականչեց նա, հանկարծ կանգ առնելով,— մեկ ոչ մի սուրհանդակով գտնել չես կարող, մեկ էլ կարծես դիտմամբ նստում է այնտեղ, որտեղ մտքովդ էլ չի անցնի... Ախր ես կարծում էի, թե դու այնտեղ ես... հորեղբորդ մոտ։

Եվգենի Պավլովիչը բռնկվեց, կատաղի նայեց Նաստասյա Ֆիլիպովնային, բայց նորից արագ շրջվեց նրանից։

— Ի՞նչ։ Մի՞թե չգիտես։ Պատկերացրեք, նա դեռ չգիտի՜։ Ինքնասպա՜ն եղավ։ Այսօր առավոտյան հորեղբայրդ ինքնասպանություն գործեց։ Ինձ դեռ այն ժամանակ, ժամը երկուսին ասացին. հիմա քաղաքի կեսն արդեն գիտի, ասում են պետական երեք հարյուր հիսուն հազարը չկա, իսկ ոմանք էլ ասում են՝ հինգ հարյուր հազար։ Այնինչ ես շարունակ հույս ունեի, թե դեռ քեզ ժառանգություն կթողնի. ամբողջը քամուն է տվել։ Շատ անառակ ծերունի էր... Դե, մնաս բարով, bonne chance[25]! Մի՞թե չես գնա։ Ահա՜ թե ինչու ժամանակին պաշտոնաթող եղար, խորամա՜նկ։ Ղատարկ բա՜ն է, գիտեիր, գիտեիր վաղօրոք, գուցե դեռ երեկվանից գիտեիր...

Թեև լկտիաբար օձիքից կպչելը, ծանոթություն ու մտերմություն (որոնք չկային) ցուցադրելն անպայման նպատակ ուներ և հիմա դրանում արդեն ոչ մի կասկած չէր կարող լինել, բայց Եվգենի Պավլովիչը սկզբում մտածում էր օձիքն ազատել հենց այնպես, որևէ կերպ և ինչ ուզում է լինի, չնկատել իրեն վիրավորողին։ Բայց Նաստասյա Ֆիլիպովնայի խոսքերը որոտի պես ճայթեցին նրա գլխին. լսելով հորեղբոր մահվան մասին, նա քաթանի պես գունատվեց և դարձավ դեպի լրաբերը։ Այդ րոպեին Լիզավետա Պրոկոֆևնան տեղից վեր կացավ, իր հետևից վեր հանեց բոլորին և համարյա փախավ այդ տեղից։ Միայն իշխան Լև Նիկոլաևիչը մի վայրկյան մնաց տեղում, ասես անվճռականության մեջ, մեկ էլ Եվգենի Պավլովիչն էր դեռ կանգնել՝ ուշքի չեկած։ Բայց Եպանչինները դեռ չէին հասցրել քսան քայլ անել, երբ սարսափելի սկանդալ բռնկվեց։

Եվգենի Պավլովիչին շատ մտերիմ սպան, որ զրուցում էր Ագլայայի հետ, ծայրահեղորեն վրդովված էր։

— Այստեղ ուղղակի մտրակ է պետք, այլ կերպ վարվել չի լինի այս անպատկառի հետ,— գրեթե բարձրաձայն ասաց նա։ (Նա կարծես առաջ էլ Եվգենի Պավլովիչի կոնֆիդենտն[26] էր):

Նաստասյա Ֆիլիպովնան վայրկենաբար շուռ եկավ դեպի նա։ Նրա աչքերը փայլատակեցին։ Նա նետվեց իրենից երկու քայլ հեռու կանգնած և բոլորովին անծանոթ մի երիտասարդի կողմը, որը ձեռքին բռնած ուներ մի բարալիկ հյուսած ճիպոտ, դուրս կորզեց դա նրա ձեռքից և ամբողջ ուժով շեղակի մտրակեց իրեն վիրավորողի դեմքին։ Այդ բոլորը կատարվեց մի ակնթարթում... Սպան, իրեն կորցրած, հարձակվեց նրա վրա. Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ արդեն չկար նրա շքախումբը, միջին տարիքի վայելուչ պարոնը արդեն հասցրել էր աննկատելի կերպով բոլորովին անհայտանալ, իսկ քեֆը չաղ պարոնը կանգնել էր մի կողմ և ամբողջ ուժով հռհռում էր։ Մի րոպե անց, իհարկե, կհայտնվեր ոստիկանությունը, բայց այդ րոպեին վատ կլիներ Նաստասյա Ֆիլիպովնայի գործը, եթե վրա չհասներ անակնկալ օգնությունը. իշխանը, որ նույնպես կանգ էր առել երկու քայլ հեռու, հասցրեց հետևից բռնել սպայի ձեռքերը։ Իր ձեռքը կորզելով, սպան ուժեղ հրեց նրա կրծքին. իշխանը մի երեք քայլ ետ թռավ ու ընկավ աթոռին։ Բայց արդեն հայտնվել էին Նաստասյա Ֆիլիպովնայի ևս երկու պաշտպան։ Հարձակվող սպայի առաջ կանգնած էր բռնցքամարտիկը, ընթերցողին հայտնի հոդվածի հեղինակը և ռոգոժինյան առաջվա խմբի իսկական անդամը։

— Կե՛լլեր։ Պաշտոնաթող պորուչիկ,— ներկայացավ նա ցուցամոլությամբ։— Կամենում եք ձեռնամարտ, կապիտան, ուրեմն, փոխարինելով թույլ սեռին, ձեր տրամադրության տակ եմ. անցել եմ ամբողջ անգլիական բռնցքամարտը։ Մի բոթբթեք, կապիտան, կարեկցում եմ արյունալի վիրավորանքի համար, բայց չեմ կարող թույլ տալ բռունցքի իրավունքը մի կնոջ հետ, հասարակության աչքի առաջ։ Իսկ եթե, ինչպես վայել է ամենաազնվագույն անձնավորությանը ուրիշ ձևով, ապա, հասկանալի է, պետք է որ ինձ հասկանաք, կապիտան...

Բայց կապիտանն արդեն ուշքի էր եկել և արդեն չէր լսում նրան։ Այդ րոպեին ամբոխի միջից հայտնված Ռոգոժինը թևանցուկ արեց Նաստասյա Ֆիլիպովնային և տարավ նրան իր հետևից։ Իր հերթին Ռոգոժինը թվում էր սարսափելի ցնցված, գունատ էր և դողում էր։ Հեռացնելով Նաստասյա Ֆիլիպովնային, նա համենայն դեպս հասցրեց չար ծիծաղել սպայի երեսին և հաղթանակած քարվանսարայի առևտրականի պես ասաց.

— Թո՛ւ։ Ի՜նչ ստացար։ Մռո՛ւթդ արյունոտեցի՜ր։ Թո՛ւ։

Ուշքի գալով և լիովին գլխի ընկնելով, թե ում հետ գործ ունի, սպան քաղաքավարի (ի դեպ, երեսը թաշկինակով ծածկած) դիմեց իշխանին, որն արդեն վեր էր կացել աթոռից.

— Իշխան Մի՞շկինն եք, որի հետ ծանոթանալու հաճույքն ունեցա։

— Նա խելագա՜ր է։ Ցնորվա՜ծ։ Հավատացնում եմ ձեզ,— պատասխանեց իշխանը դողդոջուն ձայնով, չգիտես ինչու նրան պարզելով իր գողացող ձեռքերը։

— Ես, իհարկե, չեմ կարող պարծենալ այդպիսի տեղեկություններով, բայց ինձ հարկավոր է իմանալ ձեր անունը։

Նա գլխով արավ ու հեռացավ։ Ոստիկանությունը վրա հասավ ուղիղ հինգ վայրկյան անց, հենց որ հեռացան վերջին գործող անձինք։ Ասենք, սկանդալը տևեց ընդամենը երկու րոպեից ոչ ավելի։ Հասարակության միջից ոմանք վեր կացան ու հեռացան, ուրիշներ էլ միայն մի տեղից մի ուրիշ տեղ նստեցին, երրորդները շատ ուրախ էին սկանդալի համար, չորրորդները սաստիկ հետաքրքրվեցին ու սկսեցին աշխույժ խոսակցություն։ Մի խոսքով, գործը վերջացավ սովորական ձևով։ Նվագախումբը նորից սկսեց նվագել։ Իշխանը գնաց Եպանչինների հետևից։ Եթե նա կռահեր կամ հասցներ նայել դեպի ձախ, երբ իրեն բոթելուց հետո նստած էր աթոռին, ապա իրենից քսան քայլ հեռու կտեսներ Ագլայային, որը կանգնել էր դիտելու սկանդալի տեսարանը և չէր լսում արդեն հեռու գնացած մոր և քույրերի կանչերը։ Իշխան Շչ-ն, մոտ վազելով վերջապես համոզեց նրան, որ շուտով հեռանա։ Լիզավետա Պրոկոֆևնան մտքում պահեց, որ Ագլայան նրանց մոտ վերադարձավ այնպիսի հուզված վիճակում, որ հազիվ թե լսում էր իրենց կանչերը։ Բայց ուղիղ երկու րոպե հետո, հենց որ մտան զբոսայգի, Ագլայան ասաց իր սովորական անտարբեր ու քմահաճ ձայնով.

— Ես ուզում էի տեսնել, թե ինչով կվերջանա կատակերգությունը։

III

Կայարանի դեպքը թե՛ մայրիկին, թե՛ աղջիկներին համարյա սարսափեցրել էր։ Տագնապած ու հուզված՝ Լիզավետա Պրոկոֆևնան ամբողջ ճանապարհը դեպի տուն տառացիորեն համարյա վազում էր աղջիկների հետ։ Ըստ նրա հայացքի ու հասկացողությունների այդ դեպքի մեջ չափազանց շատ բան էր տեղի ունեցել և դրսևորվել, այնպես որ նրա գլխում, չնայած ամբողջ խառնաշփոթությանն ու վախին, արդեն ծնվում էին վճռական մտքեր։ Բայց բոլորը նույնպես հասկանում էին, որ մի առանձնահատուկ բան էր պատահել և, որ, գուցե, բարեբախտաբար, սկսում է բացահայտվել ինչ-որ արտակարգ գաղտնիք։ Չնայած իշխան Շչ-ի առաջվա հավաստիացումներին ու բացատրություններին, Եվգենի Պավլովիչը «հիմա երևան էր հանվել», մերկացվել, բացահայտվել և «օրինական ձևով երևացել են նրա կապերը այդ արարածի հետ»։ Այդպես էր կարծում Լիզավետա Պրոկոֆևնան և նույնիսկ նրա երկու ավագ աղջիկները։ Այդ եզրակացության օգուտն այն էր, որ ավելի շատ հանելուկներ կուտակվեցին։ Աղջիկները թեև իրենց մտքում մասամբ զայրանում էին մայրիկի արդեն չափից ավելի սաստիկ վախի և այդպիսի բացահայտ փախուստի համար, բայց իրարանցման առաջին պահին սիրտ չէին անում հարցերով անհանգըստացնել նրան։ Բացի դրանից, չգիտես ինչու նրանց թվում էր, որ իրենց քույրիկը, Ագլայա Իվանովնան, գուցե այդ գործում ավելին գիտի, քան բոլոր երեքը՝ մայրիկով հանդերձ։ Իշխան Շչ-ն նույնպես մռայլ էր գիշերվա պես և շատ մտախոհ։ Լիզավետա Պրոկոֆևնան ամբողջ ճանապարհին նրա հետ մի խոսք չփոխանակեց, իսկ սա կարծես նույնիսկ չնկատեց այդ։ Ադելաիդան փորձեց նրան հարցնել. «Այդ ի՞նչ հորեղբոր մասին էին խոսում հիմա և ի՞նչ է պատահել այնտեղ Պետերբուրգում»։ Բայց նա ի պատասխան ամենաթթված դեմքով փնթփնթաց շատ անորոշ բան ինչ-որ տեղեկանքների մասին, և որ այդ բոլորը, իհարկե, միայն անհեթեթ բան է։ «Դրանում կասկա՜ծ չկա»,— պատասխանեց Ադելաիդան և այլևս ոչնչի մասին չհարցրեց։ Այնինչ Ագլայան չտեսնված հանգստացել էր և ճանապարհին միայն նկատեց, որ շատ արագ են վազում։ Մի անգամ նա ետ շրջվեց ու տեսավ իշխանին, որը գալիս էր նրանց հետևից։ Նկատելով իրենց հասնելու նրա ջանքերը, Ագլայան ծաղրաբար ժպտաց և արդեն այլևս ետ չէր նայում նրան տեսնելու։

Վերջապես համարյա բուն ամառանոցի մոտ հանդիպեց նրանց ընդառաջ եկող Իվան Ֆյոդորովիչը, որ հենց նոր էր վերադարձել Պետերբուրգից։ Նա անմիջապես, առաջին իսկ խոսքից սկսեց հարցուփորձ անել Եվգենի Պավլովիչի մասին։ Բայց կինը սպառնալից անցավ նրա կողքով, առանց պատասխանելու և նույնիսկ առանց նայելու նրան։ Աղջիկների և իշխան Շչ-ի աչքերից նա իսկույն հասկացավ, որ տանը փոթորիկ է։ Բայց առանց այդ էլ նրա սեփական դեմքն արտացոլում էր ինչ-որ արտակարգ անհանգստություն։ Նա իսկույն բռնեց իշխան Շչ-ի թևը, կանգնեցրեց նրան տան մուտքի մոտ և գրեթե շշուկով նրա հետ մի քանի խոսք փոխանակեց։ Երկուսի էլ տագնապած տեսքից, երբ հետո նրանք պատշգամբ բարձրացան և անցան Լիզավետա Պրոկոֆևնայի մոտ, կարելի էր կարծել, որ երկուսն էլ ինչ-որ արտակարգ լուրեր են լսել։ Քիչ-քիչ բոլորը հավաքվեցին Լիզավետա Պրոկոֆևնայի մոտ վերևում, և վերջապես պատշգամբում մնաց մենակ իշխանը։ Նա նստել էր անկյունում, ասես ինչ-որ բանի սպասելով, սակայն, ինքն էլ չիմանալով, թե ինչու, նրա մտքովն էլ չէր անցնում գնալ. տեսնելով տան իրարանցումը, թվում է, նա մոռացել էր ամբողջ տիեզերքը և պատրաստ էր նստած մնալ անընդհատ երկու տարի, որտեղ էլ նրան նստեցնեին։ Վերևից երբեմն նրան էին հասնում տագնապալի խոսակցության արձագանքները։ Նա ինքը չէր կարողանա ասել, որքան ժամանակ էր նստել այստեղ։ Ժամանակն անցնում էր, և բոլորովին մթնեց։ Հանկարծ պատշգամբ գուրս եկավ Ագլայան, արտաքուստ նա հանգիստ էր, թեև փոքր-ինչ գունատ։ Տեսնելով իշխանին, որին «հավանաբար չէր սպասում» հանդիպել այստեղ աթոռին նստած, անկյունում, Ագլայան ժպտաց կարծես տարակուսանքով։

— Ի՞նչ եք անում այստեղ,— մոտեցավ նա նրան։

Իշխանը շփոթված ինչ֊որ բան փնթփնթաց և վեր թռավ աթոռից, բայց Ագլայան իսկույն նստեց նրա կողքին, նորից նստեց և իշխանը։ Ագլայան հանկարծ, բայց ուշադիր զննեց նրան, հետո լուսամատից դուրս նայեց, կարծես առանց որևէ մտքի, հետո նորից իշխանին։ «Գուցե նա ուղում է ծիծաղել,— անցավ իշխանի մտքով,— բայց ոչ, եթե ուզենար, կծիծաղեր»։

— Գուցե թե՞յ եք ուզում, պատվիրեմ,— ասաց Ագլայան քիչ լռելուց հետո։

— Ո-ոչ... Ես չգիտեմ...

— Մարդ ինչպե՞ս կարող է չիմանալ այդ։ Ախ, հա, լսեցեք, եթե մեկնումեկը ձեզ մենամարտի հրավիրեր, դուք ի՞նչ կանեիք։ Ես դեռ այն ժամանակ էի ուզում հարցնել։

— Դե... ո՞վ պիտի... ինձ ոչ ոք մենամարտի չի հրավիրի։

— Դե, եթե հրավիրեի՞ն։ Դուք շա՞տ կվախենայիք։

— Կարծում եմ, որ շատ... կվախենայի։

— Լո՞ւրջ։ Ուրեմն դուք վախկո՞տ եք։

— Ո֊ոչ. գուցե և ոչ։ Վախկոտը նա է, ով վախենում և փախչում է, իսկ ով վախենում է, բայց չի փախչում, նա դեռ վախկոտ չէ,— ժպտաց իշխանը փոքր-ինչ մտածելով։

— Իսկ դուք չե՞ք փախչի։

— Գուցե և չեմ փախչի,— ծիծաղեց նա վերջապես Ագլայայի հարցերի վրա։

— Ես թեև կին եմ, բայց ոչ մի դեպքում չէի փախչի,— նկատեց Ագլայան համարյա վիրավորված։— Ասենք, դուք ինձ վրա ծիծաղում եք և ըստ ձեր սովորության կոտրատվում, որպեսզի ավելի հետաքրքիր երևաք. ասացեք, սովորաբար կրակում են տասներկու քայլ հեռավորությունի՞ց։ Ոմանք նաև տա՞սը։ Դա հաստատ նշանակում է սպանվել կամ վիրավորվե՞լ։

— Մենամարտերի ժամանակ, ըստ երևույթին, հազվադեպ են կպչում։

— Ինչպե՞ս թե հազվադեպ։ Պուշկինին չսպանեցի՞ն։

— Դա գուցե պատահական էր։

— Բոլորովին պատահական չէր. մահու մենամարտ էր, և սպանեցին։

— Գնդակն այնքան ցածր էր կպել, որ, հավանաբար, Դանտեսը նշան էր բռնել ավելի բարձր, կրծքին կամ գլխին, իսկ այնպես, ինչպես այդ գնդակն էր կպել, ոչ ոք նշան չի բռնում, նշանակում է, ամենից հավանականն այն է, որ գնդակը Պուշկինին կպել է պատահաբար, վրիպելուց։ Դա ինձ ասել են լավատեղյակ մարդիկ։

— Իսկ գա ինձ մի զինվոր է ասել, որի հետ ես մի անգամ զրուցում էի, որ նրանց դիտմամբ, ըստ կանոնադրության, հրամայված է նշան բռնել, երբ նրանք ցրիվ են գալիս հրաձգության համար, կես-մարդու վրա, նրանց մոտ այդպես էլ ասված է. «կես-մարդու վրա»։ Ահա արդեն, նշանակում է, ոչ թե կրծքին և ոչ թե գլխին, այլ դիտմամբ կես-մարդու վրա է հրամայված կրակել։ Ես հետո հարցրել եմ մի սպայի, նա ասում է, որ դա հենց այդպես է և ճիշտ է։

— Դա ճիշտ է, որովհետև հեռու տարածությունից է։

— Իսկ դուք կրակել գիտե՞ք։

— Ես երբեք չեմ կրակել։

— Մի՞թե ատրճանակը լցնել էլ չգիտեք։

— Չգիտեմ։ Այսինքն՝ հասկանում եմ, թե դա ինչպես պետք է արվի, բայց երբեք ինքս չեմ լցրել։

— Դե, ուրեմն, նշանակում է, որ չգիտեք, որովհետև այստեղ հարկավոր է փորձ։ Լսեցեք ուրեմն և սերտեցեք. նախ և առաջ գնեցեք ատրճանակի լավ վառոդ, թաց չլինի (ասում են, պետք է ոչ թե թաց, այլ շատ չոր), ինչ֊որ մանր, դուք այդպիսին պահանջեցեք, և ոչ թե այնպիսի, որով թնդանոթ են կրակում։ Գնդակն, ասում են, ինչ֊որ ձևով իրենք են ձուլում։ Դուք ատրճանակներ ունե՞ք։

— Չունեմ, և հարկավոր չէ,— ծիծաղեց հանկարծ իշխանը։

— Ախ, ի՜նչ հիմարություն։ Անպայմա՛ն գնեցեք. լավ, ֆրանսիական կամ անգլիական, դա, ասում են, լավագույններն են։ Հետո վառոդ վերցրեք մի մատնոցաչափ, գուցե երկու մատնոցաչափ, և լցրեք։ Ավելի լավ է շատ լինի։ Ամրացրեք թաղիքով (ասում են, չգիտես ինչու, անպայման թաղիքով), դա կարելի է որևէ աեղից ճարել, որևէ ներքնակից, կամ երբեմն դռները թաղիքով են պատում։ Հետո, երբ կխցկեք թաղիքը, գնդակը դրեք, լսեցի՞ք, գնդակը հետո, իսկ վառոդը առաջ, թե չէ չի կրակի։ Ի՞նչ եք ծիծաղում։ Ես ուզում եմ, որ դուք ամեն օր մի քանի անգամ կրակեք և անպայման սովորեք նշանին կպցնել։ Կանե՞ք։

Իշխանը ծիծաղում էր, Ագլայան սրտնեղած ոտքը դոփեց։ Նրա լուրջ տեսքը այդպիսի խոսակցության ժամանակ մի քիչ զարմացրեց իշխանին։ Նա մասամբ զգում էր, որ լավ կլիներ ինքը ինչ֊որ բան իմանար, ինչ֊որ բան հարցներ, համենայն դեպս դրանից ավելի մի լուրջ բան, քան այն, թե ատրճանակն ինչպես են լցնում։ Բայց այդ բոլորը նրա մտքից թռել էր, բացի միայն նրանից, որ իր առաջ նստած է Ագլայան, իսկ ինքը նայում է նրան, իսկ ինչի մասին էլ նա խոսելու լիներ, իշխանի համար այդ րոպեին համարյա միևնույն էր։

Վերևից պատշգամբ իջավ, վերջապես, Իվան Ֆյոդորովիչն ինքը. նա ինչ֊որ տեղ էր գնում խոժոռված, մտահոգված ու վճռական տեսքով։

— Ա՜, Լև Նիկոլաևիչ դու... հիմա ո՞ւր ես գնալու,— հարցրեց նա, չնայած Լև Նիկոլաևիչի մտքով էլ չէր անցնում տեղից շարժվել,— հապա մի գնանք, ես քեզ մի խոսք կասեմ։

— Ցտեսություն,— ասաց Ագլայան և իշխանին պարզեց ձեռքը։

Պատշգամբում արդեն բավական մութն էր, իշխանն այդ վայրկյանին բոլորովին պարզ չէր տեսնի նրա դեմքը։ Մի րոպե անց, երբ գեներալի հետ արդեն դուրս էր գալիս ամառանոցից, նա հանկարծ սաստիկ կարմրեց և ամուր սեղմեց իր աջ ձեռքը։

Պարզվեց, որ Իվան Ֆյոդորովիչին հարկավոր էր նույն ճանապարհով գնալ. չնայած ուշ ժամին, Իվան Ֆյոդորովիչն շտապում էր ինչ֊որ մեկի հետ ինչ֊որ բանի մասին խոսելու։ Բայց առայժմ նա հանկարծ խոսել սկսեց իշխանի հետ, արագ, տագնապած, բավական անկապ, խոսակցության մեջ հաճախակի հիշատակելով Լիզավետա Պրոկոֆևնային։ Եթե իշխանն այդ րոպեին կարողանար ավելի ուշադիր լինել, ապա նա, գուցե գլխի ընկներ, որ Իվան Ֆյոդորովիչն ուզում է ի միջի այլոց, նրանից էլ ինչ֊որ բան իմանալ կամ, լավ է ասել, ուղղակի ու բացարձակ ինչ֊որ բան հարցնել նրան, բայց շարունակ չի հաջողվում նրան շոշափել ամենագլխավոր կետը։ Համոթ իր, իշխանն այն աստիճան ցրված էր, որ ամենասկզբում նույնիսկ ոչինչ չէր լսում, և երբ գեներալը նրա առաջ կանգ առավ ինչ֊որ տաք֊տաք հարց տալով, նա ստիպված էր խոստովանելու նրան, որ ոչինչ չի հասկանում։

Գեներալն ուսերը թոթվեց։

— Բոլորդ ինչ֊որ տարօրինակ մարդիկ եք դարձել,— շարունակեց նա նորից խոսել։— Քեզ ասում եմ, որ բոլորովին չեմ հասկանում Լիզավետա Պրոկոֆևնայի մտքերն ու տագնապները։ Նա հիստերիկայի մեջ է և լալիս է, և ասում է, որ մեզ անարգել ու խայտառակել են։ Ո՞վ։ Ինչպե՞ս։ Ո՞ւմ հետ։ Ե՞րբ և ինչո՞ւ։ Ես խոստովանում եմ, մեղավոր եմ (դա վերցնում եմ իմ վրա), շատ մեղավոր եմ, բայց այդ... անհանգիստ (և ի լրումն իրեն վատ պահող) կնոջ համառ հետապնդումները կարող են սահմանափակվել, վերջապես, ոստիկանության կողմից, և ես նույնիսկ այսօր մտադիր եմ որոշ մարդկանց հետ տեսնվել և նախազգուշացնել։ Ամեն ինչ կարելի է սարքել սուսիկ, հեզ, սիրալիր, նույնիսկ ծանոթության միջոցով և բոլորովին առանց սկանդալի։ Համաձայն եմ նույնպես, որ ապագան հղի է իրադարձություններով և որ չպարզաբանված շատ բան կա. այստեղ կա նաև ինտրիգ, բայց եթե այստեղ ոչինչ չգիտեն, այնտեղ դարձյալ ոչինչ բացատրել չեն կարող. եթե ես չեմ լսել, դու չես լսել, նա չի լսել, հինգերորդը նույնպես ոչինչ չի լսել, ապա, վերջ ի վերջո, էլ ո՞վ է լսել, հարցնում եմ քեզ։ Հապա ինչո՞վ բացատրել դա, քո կարծիքով, բացի նրանից, որ բանը կիսով չափ միրաժ է, գոյություն չունի, ինչպես որ, օրինակ, լուսնի լույսը... կամ ուրիշ տեսիլներ։

Նա ցնորված է,— մրմնջաց իշխանը, հանկարծ ցավով հիշելով քիչ առաջվա ամբողջ անցուդարձը։

— Մի խոսքով ասած, եթե դու այդ կնոջ մասին ես ասում։ Մասամբ իմ գլխով էլ այդպիսի միտք էր անցնում և ես հանգիստ քնում էի։ Բայց հիմա տեսնում եմ, որ այստեղ ավելի ճիշտ են մտածում և չեմ հավատում ցնորվածությանը։ Փուչ կին է, ենթադրենք, բայց ընդսմին նույնիսկ սրաթափանց է, ոչ միայն խելագար է։ Այսօրվա արարմունքը Կապիտոն Ալեքսեիչի նկատմամբ դա շատ լավ ապացուցում է։ Նրա կողմից սրիկայական գործ է, այսինքն՝ առնվազն. ճիզվիտական գործ, հատուկ նպատակների համար։

— Ի՞նչ Կապիտոն Ալեքսեիչ։

— Ախ, աստված իմ, Լև Նիկոլաևիչ, դու ոչինչ չես լսում։ Ես հենց նրանից սկսեցի, որ քեզ հետ խոսք բացի Կապիտոն Ալեքսեիչի մասին, այնպես զարմացած եմ, որ նույնիսկ հիմա ոտ ու ձեռս դողում են։ Դրա համար էլ այսօր ուշ մնացի քաղաքում։ Կապիտոն Ալեքսեիչ Ռադոմսկին, Եվգենի Պավլովիչի հորեղբայրը...

— Հե՞,— գոչեց իշխանը։

— Ինքնասպանություն է գործել, առավոտյան, լուսաբացին, ժամը յոթին։ Ծերուկ, հարգարժան, յոթանասուն տարեկան, էպիկուրյան,— ու ճիշտ և ճիշտ ինչպես այն կինն էր ասում,— պետական գումար, նշանակալից գումար։

— Իսկ այդ նա որտեղի՞ց...

— Որտեղից է իմացե՞լ։ Հա՜-հա՜։ Դե ախր նրա շուրջն արդեն մի ամբողջ շտաբ գոյացավ, հենց որ նա հայտնվեց։ Գիտե՞ս նրան հիմա ինչ դեմքեր են այցելում և որոնում «ծանոթանալու այդ պատիվը»։ Բնական է, այն ժամանակ կարող էր եկողներից մի բան իմանալ, որովհետև հիմա արդեն ամբողջ Պետերբուրգը գիտի, և այստեղ կես-Պավլովսկը կամ արդեն նաև ամբողջ Պավլովսկը։ Բայց որքա՜ն նուրբ է նրա դիտողությունը համազգեստի մասին, ինչպես ինձ հաղորդեցին, այսինքն՝ այն մասին, որ Եվգենի Պավլովիչը վաղօրոք հասցրեց պաշտոնաթող լինել։ Այդպիսի՜ դժոխային ակնարկ։ Ոչ, դա խելագարություն չի արտահայտում։ Ես, իհարկե, հրաժարվում եմ հավատալ, որ Եվգենի Պավլովիչը կարող էր առաջուց իմանալ աղետի մասին, այսինքն՝ որ ամսի այսքանին, ժամը յոթին և այլն։ Բայց նա կարող էր այդ ամենը նախազգալ։ Այնինչ ես, այնինչ մենք բոլորս և իշխան Շչ֊ն հույս ունեինք, որ դեռ նա Եվգենի Պավլովիչին ժառանգություն կթողնի։ Օ, սարսա՜փ, սարսա՜փ։ Բայց, հասկացիր, ես Եվգենի Պավլովիչին ոչ մի բանում չեմ մեղադրում և շտապում եմ քեզ բացատրել, բայց և այնպես կասկածելի է։ Իշխան Շչ֊ն անասելի զարմացած է։ Այս ամենը շատ տարօրինակ պատահեց։

— Բայց ի՞նչ կասկածելի բան կա Եվգենի Պավլովիչի վարքի մեջ։

— Ոչի՛նչ չկա։ Իրեն պահում էր ամենաազնվաբարո ձևով։ Եվ ես ոչինչ չեմ ակնարկել։ Նրա սեփական կարողությունը, կարծում եմ, անվթար է։ Լիզավետա Պրոկոֆևնան, հասկանալի է, լսել անգամ չի ուզում... Բայց գլխավորը, բոլոր այս ընտանեկան աղետներն են, կամ, լավ է ասել, այս բոլոր անախորժությունները, այնպես որ մարդ նույնիսկ չգիտի, թե ինչպես անի... Դու, ճիշտն ասած, տան բարեկամն ես, Լև Նիկոլաևիչ, և պատկերացրու, հիմա պարզվում է, ասենք, թեև ոչ ստույգ, որ իբր արդեն ավելի քան մի ամիս առաջ Եվգենի Պավլովիչը բացատրվել է Ագլայայի հետ և իբր թե նրանից ստացել է պաշտոնական մերժում։

— Չի՜ կարող պատահել,— տաք֊տաք բացականչեց իշխանը։

— Մի՞թե դու որևէ րան գիտես։ Գիտե՞ս, սիրելիս,— ցնցվեց ու զարմացավ գեներալը, տեղում կանգ առնելով կարծես քարացած,— ես գուցե զուր տեղը և անպատշաճ կերպով քեզ մոտ խոսք թռցրի բերանիցս, բայց ախր դա նրա համար, որ դու... որ դու... կարելի է ասել, այդպիսի մարդ ես։ Գուցե դու որևէ առանձին բա՞ն գիտես։

— Ես ոչինչ չգիտեմ... Եվգենի Պավլովիչի մասին,— մրթմրթաց իշխանը։

— Ես էլ չգիտեմ։ Ինձ... ինձ, եղբայր, ուզում են ուղղակի հողը դնել և թաղել, և ընդսմին չեն ուզում մտածել, որ դա ծանր է մարդու համար և որ ես դրան չեմ դիմանա։ Հիմա մի այնպիսի տեսարան էր, որ սարսափելի բան։ Ես քեզ ասում եմ ինչպես հարազատ որդուս։ Գլխավորը, Ագլայան կարծես ծիծաղում է մոր վրա։ Այն մասին, որ նա, կարծես, մերժել է Եվգենի Պավլովիչին մոտ մի ամիս առաջ, և որ նրանք բավական պաշտոնական բացատրություն են ունեցել, հայտնել են քույրերը, իբրև կռահում... ի դեպ, հաստատ կռահում։ Բայց ախր նա մի այնպիսի ինքնասածի ու ֆանտաստիկ արարած է, որ պատմել չի լինի։ Բոլոր մեծահոգությունները, սրտի և մտքի բոլոր փայլուն հատկությունները, այդ բոլորը, թերևս, կա նրա մեջ, բայց ընդսմին, քմայքներ, ծաղր, մի խոսքով, դիվային բնավորություն է և ի լրումն ֆանտազիաներով է։ Մոր վրա հիմա ծիծաղեց, նրա երեսին, քույրերի վրա, իշխան Շչ-ի վրա, իմ մասին խոսելու կարիք էլ չկա, հազվադեպ է, որ ինձ վրա չի ծիծաղում, և, թվում է, դրա համար այդ դիվուկը առանձնապես սիրում է ինձ, այսինքն, թվում է, մյուսներից ավելի։ Գրազ կգամ, որ նա արդեն որևէ հարցում քեզ վրա էլ է ծիծաղել։ Ես ձեզ հիմա գտա իրար հետ զրուցելիս քիչ առաջ վերևում տեղի ունեցած փոթորկից հետո, նա քեզ հետ այնպես էր նստած, կարծես ոչինչ պատահած չլիներ։

Իշխանը սաստիկ կարմրեց և սեղմեց աջ ձեռքը, բայց լռեց։

— Իմ սիրելի, բարի Լև Նիկոլաևիչ,— զգացված ու տաք-տաք հանկարծ ասաց գեներալը,— ես... և նույնիսկ Լիզավետա Պրոկոֆևնան ինքը (որը, ի դեպ, նորից է սկսել քեզ ներկել և քեզ համար ինձ էլ, միայն չեմ հասկանում, թե պատճառն ինչ է), մենք այնուամենայնիվ քեզ սիրում ենք, սիրում ենք անկեղծ և հարգում ենք, նույնիսկ չնայած ոչ մի բանի, այսինքն՝ չնայած բոլոր արտաքին երևույթներին։ Բայց համաձայնիր, սիրելի բարեկամ, ինքդ համաձայնիր, հանկարծ ինչպիսի հանելուկ կթվա և մարդ ինչպես կվրդովվի լսելով, թե ինչպես այդ սառնարյուն դիվուկը (որովհետև նա կանգնած էր մոր առաջ ամենախորին արհամարհանքի արտահայտությամբ դեպի մեր բոլոր հարցերը, իսկ դեպի իմ հարցերը գերազանցապես, որովհետև ես, գրողը տանի, հիմարացա, խելքիս փչեց խստություն բանեցնել, որովհետև ես ընտանիքի գլուխն եմ, դե հիմարացա), այդ սառնարյուն դիվուկը հանկարծ ուղղակի հայտարարում է ծաղրանքով, որ այդ «ցնորվածը» (նա այդպես արտահայտվեց, և ինձ համար տարօրինակ է, որ նա քո բառը գործածեց. «մի՞թե, ասում է, դուք մինչև հիմա չկարողացաք գլխի ընկնել»), որ այդ ցնորվածը «իր գլուխն է մտցրել ինչ գնով ուզում է լինի ինձ ամուսնացնել իշխան Լև Նիկոլաևիչի հետ, դրա համար էլ Եվգենի Պավլովիչին մեր տնից քշում է»... այդքանն ասաց, ուրիշ ոչ մի բացատրություն չտվեց, հռհռում է իր համար, իսկ մենք բերաններս ենք բացել, նա դուռը շրխկացրեց ու դուրս եկավ։ Հետո ինձ պատմեցին քո և նրա մեջ նորերս պատահած տարօրինակ դեպքի մասին... և... լսիր, սիրելի իշխան, դու չվիրավորվող և շատ կշռադատող մարդ ես, ես դա նկատել եմ քո մեջ, բայց... մի բարկանա, աստված վկա, նա ծիծաղում է քեզ վրա։ Երեխայի պես ծիծաղում է, դրա համար էլ դու նրանից մի նեղանա, բայց դա ուղղակի այդպես է։ Բան մի կարծիր, նա ուղղակի հիմարացնում է թե քեզ, թե մեզ բոլորիս, պարապությունից։ Դե, մնաս բարով։ Դու գիտե՞ս մեր զգացմունքները։ Մեր անկեղծ զգացմունքները դեպի քեզ։ Նրանք անփոփոխ են. երբեք և ոչ մի բանում... բայց... Ես հիմա այս կողմն եմ գնալու, ցտեսություն։ Հազվադեպ եմ ես այսքան վատ վիճակում գտնվել, ինչպես հիմա եմ գտնվում... Այ քեզ ամառանո՜ց։

Մենակ մնալով խաչմերուկում, իշխանը շուրջը նայեց, արագ կտրեց անցավ փողոցը, մոտեցավ մի ամառանոցի լուսավորված պատուհանին, բաց արեց փոքրիկ թղթիկը, որն ամուր սեղմել էր աջ ձեռքում Իվան Ֆյոդորովիչի հետ խոսելու ամբողջ ընթացքում, և, որսալով լույսի թույլ ճառագայթը, կարդաց.

«Վաղը առավոտյան ժամը յոթին ես կլինեմ զբոսայգու կանաչ նստարանին և կսպասեմ ձեզ։ Ես որոշել եմ ձեզ հետ խոսել մի շատ կարևոր գործի մասին, որն ուղղակի ձեզ է վերաբերվում։

P. S. Հուսով եմ, ոչ ոքի ցույց չեք տա այս տոմսակը։ Թեև ամաչում եմ ձեզ այսպիսի խրատ գրելը, բայց դատեցի, որ դուք արժանի եք դրան, և գրեցի, ամոթից կարմրելով ձեր ծիծաղելի բնավորության համար։

PP. SS. Դա հենց այն կանաչ նստարանն է, որ ձեզ ցույց տվի այն ժամանակ։ Ամաչեցե՜ք։ Ես հարկադրված էի սա ևս հավելագրել»։

Տոմսակը գրված էր հապճեպ և ծալված մի կերպ, ամենից հավանական է՝ Ագլայայի պատշգամբ դուրս գալուց անմիջապես առաջ։ Վախի նմանվող աննկարագրելի հուզմունքով, իշխանը թղթիկը նորից պինդ սեղմեց ձեռքում և շտապով ետ թռավ լուսամուտից, լույսից, ինչպես վախեցած գող, բայց այդ շարժման ժամանակ հանկարծ կիպ կպավ մի պարոնի, որը հայտնվել էր ուղիղ նրա ուսերի հետևում։

— Ես հետևում եմ ձեզ, իշխան,— ասաց պարոնը։

— Այդ դո՞ւք եք, Կելլեր,— գոչեց իշխանը զարմացած։

— Որոնում եմ ձեզ, իշխան։ Սպասում էի ձեզ Եպանչինների ամառանոցի մոտ, հասկանալի է, չէի կարող մտնել։ Գալիս էի ձեր հետևից, երբ դուք քայլում էիք գեներալի հետ։ Ձեր տրամադրության տակ եմ, իշխան, կարգադրեցեք Կելլերին։ Պատրաստ եմ զոհաբերելու, նույնիսկ մեռնելու, եթե հարկ լինի։

— Բայց... ինչո՞ւ։

— Դե, հավանաբար մարտահրավեր կլինի։ Այդ պորուչիկ Սոլովցևը, ես նրան գիտեմ, այսինքն՝ ոչ անձնապես... նա կուլ չի տա վիրավորանքը։ Մեր ախպորը, այսինքն՝ ինձ ու Ռոգոժինին, նա, հասկանալի է, հակված է տականք համարելու, և, գուցե, ըստ արժանվույն, այդպիսով պատասխանատու եք մնում միայն դուք։ Ստիպված կլինեք վճարել շշերի համար, իշխան։ Նա ձեր մասին հարցուփորձ էր անում, ես լսեցի, և հավանաբար վաղը նրա բարեկամը կբարեհաճի ձեզ մոտ, իսկ գուցե և հիմա էլ սպասում է։ Եթե մարտավկա ընտրելու պատվին արժանացնեք, ապա ձեզ համար պատրաստ եմ և զինվոր ընկնել։ Դրա համար էլ որոնում էի ձեզ, իշխան։

— Ուրեմն դուք էլ եք մենամարտի մասին խոսում,— հանկարծ հռհռաց իշխանը, ի մեծ զարմանս Կելլերի։ Նա սարսափելի հռհռում էր։ Կելլերը, որ իրոք համարյա փշերի վրա էր, մինչև որ բավարարվեց իրեն մարտավկա առաջադրելով, համարյա վիրավորվեց, տեսնելով իշխանի այդպիսի զվարթ ծիծաղը։

— Բայց, իշխան, դուք այն ժամանակ ձեռքերը բռնեցիք։ Ազնվազարմ մարդու համար, այն էլ հասարակության ներկայությամբ, դժվար է դրան դիմանալը։

— Իսկ նա իմ կրծքին բոթեց,— ծիծաղելով գոչեց իշխանը,— մենք կռվելու բան չունենք։ Ես նրանից ներողություն կխնդրեմ, պրծավ գնաց։ Իսկ եթե մենամարտել է, թող լինի մենամարտել։ Թող կրակի, ես նույնիսկ ուզում եմ։ Հա՜-հա՜։ Ես հիմա գիտեմ ատրճանակ լցնել։ Դուք ատրճանակ լցնել իմանո՞ւմ եք, Կելլեր։ Պետք է նախ վառոդ գնել, ոչ թաց և ոչ այնքան խոշոր, որով թնդանոթ են կրակում, իսկ հետո նախ վառոդը լցնել, թաղիք ճարել որևէ տեղից՝ դռան վրայից, և հետո արդեն գնդակը ներս մղել և ոչ թե գնդակը վառոդից առաջ, որովհետև չի կրակի։ Լսո՞ւմ եք, Կելլեր, որովհետև չի կրակի։ Հա՜-հա՜։ Մի՞թե դա ամենասքանչելի պատճառաբանությունը չէ, եղբայր Կելլեր։ Ախ, Կելլեր, գիտե՞ք, որ ես հիմա ձեզ կգրկեմ ու կհամբուրեմ։ Հա՜-հա՜-հա՜։ Ինչպե՞ս այն ժամանակ դուք հանկարծ հայտնվեցիք նրա առաջ։ Շուտով մի անգամ եկեք ինձ մոտ շամպայն խմենք. բոլորս խմենք, հարբենք։ Գիտե՞ք, որ Լեբեդևի նկուղում տասներկու շիշ շամպայն ունեմ։ Լեբեդևը ինձ «դիպվածով» ծախեց երեք օր առաջ, նրա մոտ փոխադրվելու հաջորդ օրը, ես էլ բոլորը գնեցի։ Ես ամբողջ խումբը կհավաքեմ։ Իսկ ի՞նչ, դուք այս գիշեր քնելո՞ւ եք։

— Ինչպես ամեն գիշեր, իշխան։

— Դե, ուրեմն հանգիստ երազներ։ Հա՜-հա՜։

Իշխանը ճանապարհը կտրեց անցավ և չքացավ զբոսայգում, մտածմունքի մեջ թողնելով մի քիչ տարակուսած Կելլերին։ Նա իշխանին դեռ չէր տեսել այդպիսի տարօրինակ տրամադրության մեջ, և մինչև հիմա չէր էլ կարող պատկերացնել։

«Երևի տենդ ունի, որովհետև ջղային մարդ է, և այդ բոլորն ազդել է, բայց, իհարկե, չի վախենա։ Հենց սրանք են, որ չեն վախենում, աստված վկա,— ինքն իր մեջ մտածում էր Կելլերը։ Հը՛մ, շամպա՜յն։ Բայց հետաքրքիր լուր է։ Տասներկու շիշ, մի դյուժին, ոչինչ, կարգին կայազոր է։ Բայց գրազ կգամ, որ Լեբեդևը որևէ մեկից գրավականով է վերցրել այդ շամպայնը։ Հը՛մ... բայց բավական հաճելին է նա, այդ իշխանը, իսկապես, ես սիրում եմ այդպիսիներին, սակայն կարիք չկա ժամանակ կորցնելու և... եթե շամպայն է, ապա հենց իսկական ժամանակն է...»։

Որ իշխանը կարծես տենդի մեջ լիներ, դա, իհարկե, իրավացի էր։ Նա երկար թափառում էր մութ զբոսայգում և, վերջապես, «իրեն գտավ» մի ծառուղում զբոսնելիս։ Նրա գիտակցության մեջ մնացել էր այն հիշողությունը, որ այդ ծառուղով, սկսած նստարանից մինչև բարձր ու նկատելի հինավուրց ծառը, ընդամենը մոտ հարյուր քայլ, նա արդեն երեսուն կամ քառասուն անգամ անցել էր ետ ու առաջ։ Հիշել, թե առնվազն մի ամբողջ ժամ ինչ էր մտածում զբոսայգում, նա ոչ մի կերպ չէր կարողանա, եթե անգամ ուզենար։ Սակայն նա իրեն բռնեց մի մտքի վրա, որից հանկարծ ծիծաղից թուլացավ. թեև ծիծաղելու բան էլ չկար, բայց նա շարունակ ուզում էր ծիծաղել։ Նա պատկերացրեց, որ մենամարտի ենթադրությունը կարող էր ծնվել ոչ միայն Կելլերի գլխում, և որ, հետևաբար, պատմությունն այն մասին, թե ատրճանակն ինչպես են լցնում, կարող է և պատահական չլինել... «Վա՛հ,— կանգ առավ նա հանկարծ մի այլ մտքից պայծառացած,— քիչ առաջ նա պատշգամբ իշավ, երբ ես նստած էի անկյունում, և սաստիկ զարմացավ ինձ այնտեղ գտնելով և այնպես ծիծաղում էր... թեյի մասին սկսեց խոսել, բայց ախր այդ ժամանակ արդեն այս թղթիկը նրա ձեռքում էր, նշանակում է, նա հաստատ գիտեր, որ ես նստած եմ պատշգամբում, էլ ինչո՞ւ զարմացավ։ Հա՜-հա՜-հա՜»։

Նա տոմսակը կորզեց գրպանից ու համբուրեց, բայց իսկույն կանգ առավ ու մտածմունքի մեջ ընկավ։

«Ինչ տարօրինա՜կ է։ Ինչ տարօրինա՜կ է»,— ասաց նա մի րոպե անց նույնիսկ մի տեսակ թախծոտ. ուրախություն զգալու ուժեղ րոպեներին նրան միշտ թախիծն էր պատում, ինքն էլ չգիտեր, թե ինչու։ Նա ուշադիր նայեց շուրջը և ինքն էլ զարմացավ, որ մտել է այստեղ։ Նա շատ էր հոգնել, մոտեցավ նստարանին ու նստեց։ Շուրջն արտակարգ լուռ էր։ Կայարանում արդեն երաժշտությունը վերջացել էր։ Զբոսայգում գուցե արգեն ոչ ոք չկար, իհարկե, ժամը տասնմեկ և կեսից պակաս չէր։ Խաղաղ, տաք, լուսավոր գիշեր էր, հունիսի սկզբի պետերբուրգյան գիշեր, բայց թավ, ստվերախիտ զբոսայգում, այն ծառուղում, որտեղ նա գտնվում էր, արդեն գրեթե բոլորովին մութն էր։

Եթե մեկնումեկն այդ րոպեին նրան ասեր, որ նա սիրահարվել է, սիրահարված է կրքոտ սիրով, նա զարմացած գուցե նաև զայրացած կժխտեր այդ միտքը։ Եվ եթե մեկնումեկը դրան ավելացներ, թե Ագլայայի տոմսակը սիրային տոմսակ է, սիրային տեսակցության նշանակում, ապա նա այդ մարդու փոխարեն ամոթից կմեռներ և, կարող է պատահել, նրան մենամարտի կանչեր։ Այդ ամենը միանգամայն անկեղծ էր, և նա ոչ մի անգամ կասկած չտարավ և թույլ չտվեց ոչ մի «երկակի» միտք, թե հնարավոր է այդ աղջկա սերը դեպի ինքը կամ նույնիսկ թե հնարավոր է իր սերը դեպի այդ աղջիկը։ Սիրո հնարավորությունը դեպի ինքը, դեպի «այնպիսի մարդը, ինչպիսին ինքն է», նա հրեշավոր բան կհամարեր։ Նրան թվում էր, որ դա Ագլայայի կողմից ուղղակի չարաճճիություն է, եթե իրոք այստեղ որևէ բան կա, բայց նա մի տեսակ շատ անտարբեր էր դեպի բուն չարաճճիությունը և դա համարում էր ավելի քան բնական, իսկ ինքը մտահոգված և զբաղված էր բոլորովին այլ բանով։ Հուզված գեներալի բերանից քիչ առաջ դուրս թռած այն խոսքերին, թե Ագլայան բոլորի վրա ծիծաղում է, իսկ նրա, իշխանի վրա առանձնապես, նա լիովին հավատաց։ Ընդսմին նա նվազագույն իսկ վիրավորանք չզգաց, նրա կարծիքով հենց այդպես էլ պետք է լիներ։ Նրա համար գլխավորապես ամբողջ բանն այն էր, որ ինքը վաղը նորից կտեսնի նրան, առավոտյան վաղ, նրա կողքին կնստի կանաչ նստարանին, կլսի, թե ինչպես են լցնում ատրճանակը, և կնայի նրան։ Նրան էլ ուրիշ ոչինչ պետք չէր։ Մեկ թե երկու անգամ նրա մտքով անցավ նաև այն հարցը, թե արդյոք ի՞նչ է մտադիր Ագլայան ասել նրան, և ուղղակի իրեն վերաբերող այդ ի՞նչ կարևոր գործ է։ Եվ այլևս նա ոչ մի րոպե չկասկածեց, որ իրոք գոյություն ունի այդ «կարևոր գործը», որի համար իրեն կանչում են, բայց հիմա գրեթե բոլորովին չէր մտածում այդ կարևոր գործի մասին, այն աստիճան, որ դրա մասին մտածելու ամենափոքր իսկ մղում չէր զգում։

Ավազի վրա կամացուկ քայլերի ճռճռոցը նրան հարկադրեց գլուխը բարձրացնել։ Մի մարդ, որի դեմքը դժվար էր ջոկել մթության մեջ, մոտեցավ նստարանին և նստեց իշխանի կողքին։ Իշխանն արագ մոտեցավ նրան, գրեթե ընդհուպ, և ճանաչեց Ռոգոժինի գունատ դեմքը։

— Այդպես էլ դիտեի, որ այստեղերք թափառելիս կլինես, այնպես որ երկար չփնտրեցի,— ատամների արանքից մրթմրթաց Ռոգոժինը։

Առաջին անգամ էին տեսնվում նրանք պանդոկի միջանցքի հանդիպումից հետո։ Ռոգոժինի անակնկալ հայտնվելուց զարմացած, իշխանը միառժամանակ չէր կարողանում մտքերը ժողովել, և տանջալից զգացումը նորից հարություն առավ նրա սրտում։ Ռոգոժինն, ըստ երևույթին, հասկանում էր իր թողած տպավորությունը, ու թեև նա սկզբում շփոթվում էր, խոսում էր կարծես թե ինչ-որ սերտած սանձարձակությամբ, բայց իշխանին շուտով թվաց, որ նրանում ոչ մի սերտած բան, և նույնիսկ ոչ մի առանձին շփոթմունք չկար, եթե նրա շարժուձևի և խոսակցության մեջ որևէ անհարմարություն զգացվում էր, ապա դա միայն արտաքուստ էր, հոգու խորքում այդ մարդը չէր կարող փոխվել։

— Դու ինձ․․․ ինչպե՞ս գտար այստեղ,— հարցրեց իշխանը, մի բան ասած լինելու համար։

— Կելլերից իմացա (ես քեզ մոտ էի գնացել), «զբոսայգի է գնացել», ասաց. է, մտածում եմ, այդպես է որ կա։

— Ի՞նչը «կա»,— տագնապած որսաց իշխանը դուրս թռած բառը։

Ռոգոժինը քմծիծաղ տվեց, բայց բացատրություն չտվեց։

— Ես քո նամակն ստացա, Լև Նիկոլաևիչ, այդ ամենը դու զուր ես... և ի՞նչ հավաս... իսկ հիմա քեզ մոտ եմ եկել նրա կողմից. անպայման պատվիրում է քեզ կանչել, շատ է ուզում քեզ մի բան ասել։ Հենց այսօր էլ խնդրել է։

— Ես վաղը կգամ։ Հիմա ես տուն եմ գնում, դու․․․ ինձ մո՞տ ես գալիս։

— Ինչո՞ւ։ Ես քեզ ամեն ինչ ասացի. մնաս բարով։

— Մի՞թե չես անցնի,— կամացուկ հարցրեց իշխանը։

— Զարմանալի մարդ ես դու, Լև Նիկոլաևիչ, քեզ վրա զարմանալ է պետք։

Ռոգոժինը ծիծաղեց խայթող ծիծաղով։

— Ինչո՞ւ։ Իմ նկատմամբ այդ չարությունը քո մեջ հիմա ինչի՞ց է,— տխուր ու տաք-տաք վրա բերեց իշխանը։— Չէ որ հիմա ինքդ էլ գիտես, որ քո բոլոր մտածածները ճիշտ չեն։ Բայց ասենք, ես գիտեի, որ իմ նկատմամբ քո չարությունը մինչև հիմա չի անցել, և գիտե՞ս ինչու։ Որովհետև հենց ինքդ ոտնձգություն արիր իմ դեմ, դրանից էլ չարությունդ չի անցնում։ Քեզ ասում եմ, հիշում եմ միայն այն Պարֆեն Ռոգոժինին, որի հետ այն օրը խաչերով եղբայրացա. երեկվա նամակում նրա համար էի գրել, որ դու մոռանայիր այդ ամբողջ զառանցանքը և ինձ հետ չսկսեիր խոսել դրա մասին։ Ինչո՞ւ ես խուսափում ինձանից, ինչո՞ւ ևս ձեռքդ ինձնից թաքցնում։ Քեզ ասում եմ, որ այն ժամանակ ինչ որ եղավ, բոլորը զառանցանքի, միայն զառանցանքի տեղ եմ դնում. այն ամբողջ օրվա ընթացքում քեզ հիմա անգիր գիտեմ, ինչպես ինքս ինձ։ Այն, ինչ դու երևակայում էիր, գոյություն չուներ և չէր կարող ունենալ։ Էլ ինչո՞ւ պիտի մեր չարությունը գոյություն ունենա։

— Դու ի՞նչ չարություն պիտի ունենաս,— դարձյալ ծիծաղեց Ռոգսժինը ի պատասխան իշխանի անակնկալ, ջերմ խոսքերի։ Նա իրոք կանգնած էր, խուսափելով իշխանից, մի երկու քայլ ետ քաշված և ձեռները թաքցնելով։— Հիմա ես բոլորովին չեմ գալու քեզ մոտ, Լև Նիկոլաևիչ,— դանդաղ և խրատական եզրափակեց նա։

— Այդ աստիճա՞ն ինձ ատում ես, թե ինչ։

— Ես քեզ չեմ սիրում, Լև Նիկոլաևիչ, էլ ինչո՞ւ պիտի քեզ մոտ գամ։ Էխ, իշխան, կարծես իսկական երեխա լինես, սիրտդ խաղալիք է ուզել, հանիր ու տուր, իսկ գործը չես հասկանում։ Այդ բոլորը ճիշտ այդպես գրել էիր նամակումդ, ինչ որ հիմա ասում ես, մի՞թե ես քեզ չեմ հավատում։ Քո ամեն մի խոսքին հավատում եմ և գիտեմ, որ դու ինձ երբեք չես խաբել և սրանից հետո էլ չես խաբի, բայց համենայն դեպս քեզ չեմ սիրում։ Դու ահա գրում ես, թե ամեն ինչ մոռացել ես և միայն խաչի եղբայր Ռոգոժինին ես հիշում, և ոչ թե այն Ռոգոժինին, որն այն ժամանակ քեզ վրա դանակ բարձրացրեց։ Բայց իմ զգացմունքնե՞րը որտեղից գիտես (Ռոգոժինը նորից քմծիծաղ տվեց)։ Գուցե ես այն ժամանակվանից ոչ մի անգամ էլ չեմ զղջացել, իսկ դու արդեն քո եղբայրական ներումն ես ուղարկել ինձ։ Գուցե հենց նույն երեկո ես արդեն ուրիշ բան էի մտածում, իսկ դրա մասին...

— Նույնիսկ մոռացել էիր մտածել,— վրա բերեց իշխանը,— դե իհարկե։ Եվ գրազ կգամ, որ դու այն ժամանակ ուղղակի դնացք նստեցիր ու այստեղ Պավլովսկ գլորվեցիր, երաժշտության, և այսօրվա պես ամբոխի մեջ փնտրում ու հետևում էիր նրան։ Ա՜յ թե զարմացնելու բան գտար։ Դե եթե դու այն ժամանակ այնպիսի վիճակում լինեիր, որ ընդունակ էիր միմիայն մի բանի մասին մտածել, կարող է պատահել, դանակ էլ չէիր բարձրացնի վրաս։ Ես այն ժամանակ դեռ առավոտվանից նախազգում էի, քեզ տեսնելով. գիտե՞ս թե այն ժամանակ ինչպիսին էիր դու։ Հենց որ խաչերս փոխանակեցինք, գուցե հենց այդ ժամանակ իմ մեջ խլրտաց այդ միտքը։ Այն ժամանակ ինձ ինչո՞ւ պառավի մոտ տարար։ Դրանով մտածում էիր զսպե՞լ քո ձեռքը։ Եվ չի կարող պատահել, որ մտածեիր, այլ միայն զգացիր, ինչպես և ես... Մենք այն ժամանակ միանման զգացինք։ Եթե այն ժամանակ ձեռքդ չբարձրացնեիր ինձ վրա (որն աստված ետ մղեց), հիմա ես ի՞նչ կլինեի քո առաջ։ Չէ՞ որ միևնույն է, ես դրանում կասկածում էի քեզ, մեր մեղքը նույնն էր, միանման։ (Մի՛ խոժոռվիր։ Եվ ինչո՞ւ ես ծիծաղում)։ «Չե՛մ զղջացել»։ Բայց եթե նույնիսկ ուզենայիր, գուցե և չկարողանայիր զղջալ, որովհետև, ի լրումն, չես էլ սիրում ինձ։ Եվ եթե նույնիսկ քո առաջ հրեշտակի պես անմեղ լինեի, դու, միևնույն է, ինձ տանել չես կարողանա, քանի մտածես, որ նա ոչ թե քեզ, այլ ինձ է սիրում։ Ահա և նշանակում է, որ դա խանդ է։ Միայն թե այս շաբաթ ահա թե ինչ եմ մտածել, Պարֆեն, և կասեմ քեզ, արդյոք գիտե՞ս, որ հիմա նա քեզ գուցե բոլորից ավելի է սիրում, և նույնիսկ այնպես, որ որքան ավելի է տանջում, այնքան ավելի է սիրում։ Նա այդ բանը քեզ չի ասի, բայց պետք է տեսնել կարողանալ։ Վերջ ի վերջո նա ինչո՞ւ է այնուամենայնիվ քեզ հետ ամուսնանում։ Երբևէ կասի դա հենց քեզ։ Որոշ կանայք նույնիսկ ուզում են, որ իրենց այդպես սիրեն, իսկ նա հենց այդպիսի բնավորություն ունի։ Իսկ քո բնավորությունը և քո սերը պետք է որ նրա սրտին շատ բան ասեն։ Արդյոք գիտե՞ս, որ կինն ընդունակ է մարդու տանջամահ անել դաժանություններով ու ծաղրանքներով և ոչ մի անգամ խղճի խայթ չի զգա, որովհետև ամեն անգամ քեզ նայելով ինքն իրեն կմտածի. «Ահա ես հիմա նրան մահու աստիճան կտանջեմ, բայց դրա փոխարեն հետո սիրովս կհատուցեմ...»։

Ռոգոժինը հռհռաց՝ իշխանին լսելով։

— Ի՞նչ է, իշխան, հո պատահմամբ ինքդ էլ այդպիսի կնոջ չե՞ս հանդիպել։ Ես որոշ բաներ իմացել եմ քո մասին, եթե ճիշտ է։

— Ի՞նչ, ի՞նչ կարող էիր լսած լինել,— հանկարծ ցնցվեց իշխանը և կանգ առավ սաստիկ շփոթված։

Ռոգոժինը շարունակում էր ծիծաղել։ Նա ոչ առանց հետաքրքրության և, գուցե, ոչ առանց բավականության լսեց իշխանի ասածները. իշխանի զվարթ ու ջերմ հափշտակությունը նրան զարմացրեց ու գոտեպնդեց։

— Ոչ միայն լսել եմ, այլ ինքս էլ հիմա տեսնում եմ, որ ճիշտ է,— ավելացրեց նա,— ե՞րբ ես դու այնպես խոսել, ինչպես հիմա։ Ախր այսպիսի խոսակցությունը կարծես քեզանից չլինի։ Քո մասին այդպիսի բան լսած չլինեի, չէի գա այստեղ, և այն էլ զբոսայգի, կեսգիշերին։

— Ես քեզ բոլորովին չեմ հասկանում, Պարֆեն Սեմյոնովիչ։

— Նաստասյա Ֆիլիպովնան ինձ վաղուց էր բացատրել քո մասին, իսկ հիմա քիչ առաջ ես ինքս տեսա, թե երաժշտության հրապարակում ինչպես էիր նստել այն մեկի հետ։ Երդվում էր ինձ, երեկ ու այսօր երդվում էր, որ դու կատվի պես սիրահարված ես Ագլայա Եպանչինային։ Դա ինձ համար միևնույն է, իշխան, և իմ գործը չէ։ Եթե դու նրան դադարել ես սիրելուց, ապա նա դեռ չի դադարել քեզ սիրելուց։ Դու ախր գիտես, որ Նաստասյա Ֆիլիպովնան ուզում է քեզ անպայման ամուսնացնել այն մեկի հետ, այդպիսի խոսք է տվել, հի՜-հի՜։ Ինձ ասում է. «Առանց դրա քեզ հետ չեմ ամուսնանա, նրանք եկեղեզի գնան, մենք էլ եկեղեցի կգնանք»։ Թե ինչ կա այստեղ, հասկանալ չեմ կարող և ոչ մի անգամ չեմ հասկացել. կամ սիրում է քեզ անսահման, կամ... եթե սիրում է, այդ ինչպե՞ս է ուզում քեզ ուրիշի հետ ամուսնացնել։ Ասում է. «Ուզում եմ նրան երջանիկ տեսնել», ուրեմն, նշանակում է, սիրում է։

— Ես քեզ ասում էի և գրել էի, որ նա... խելքը գլխին չէ,— ասաց իշխանը, տանջանքով լսելով Ռոգոժինի ասածները։

— Աստվա՜ծ գիտի։ Գուցե և դու սխալվել ես... այսօր նա, ի դեպ, ինձ օր նշանակեց, երբ երաժշտությունից տարա նրան, երեք շաբաթ հետո, գուցե և ավելի շուտ, ասում է, կպսակվենք. երդվեց, սրբապատկերը հանեց, համբուրեց։ Նշանակում է, բանը հիմա քեզանից է կախված, իշխան, հի՜, հի՜։

— Այդ բոլորը զառանցանք է։ Ինչ որ իմ մասին ես ասում, երբեք, երբեք չի լինի։ Վաղը ես ձեզ մոտ կգամ...

— Էլ ի՞նչ խելագար,— նկատեց Ռոգոժինը,— ինչպե՞ս է, որ նա մնացած բոլորի համար խելքը գլխին է, իսկ միայն քեզ համար խելագար է։ Բա ինչպե՞ս է նամակներ գրում այնտեղ։ Եթե խելագար է, ապա այնտեղ էլ նամակներից կնկատեին։

— Ի՞նչ նամակներ,— վախեցած հարցրեց իշխանը։

— Այնտեղ է գրում, այն մեկին, իսկ նա կարդում է։ Մի՞թե չգիտես։ Դե, կիմանաս, հավանաբար նա ինքը քեզ ցույց կտա։

— Դրան հավատա՜լ չի կարելի,— գոչեց իշխանը։

— Էխ։ Դու, Լև Նիկոլաևիչ, երևում է դեռ քիչ ես անցել այդ ճամփան, ինչքան տեսնում եմ, այլ միայն նոր ես սկսում։ Սպասիր մի քիչ, սեփական ոստիկանություն կպահես, ինքդ գիշեր-ցերեկ կհերթապահես և այնտեղի ամեն մի քայլը կիմանաս, թե որ...

— Թող, և այդ մասին երրեք մի խոսի,— գոչեց իշխանը։— Լսիր, Պարֆեն, ահա ես հիմա քեզանից առաջ այստեղ շրջում էի և հանկարծ սկսեցի ծիծաղել, թե ինչու՝ չգիտեմ, բայց միայն պատճառն այն է, որ մտաբերեցի, որ վաղվա օրը կարծես դիտմամբ իմ ծննդյան օրն է գալիս։ Հիմա համարյա ժամը տասներկուսն է։ Գնանք դիմավորենք օրը։ Ես գինի ունեմ, գինի խմենք, ինձ ցանկացիր այն, ինչ որ ես ինքս էլ հիմա չգիտեմ, թե ինչ ցանկանամ, և հենց դո՛ւ ցանկացիր, իսկ ես քեզ քո լիակատար երջանկությունն եմ ցանկանում։ Իսկ եթե ոչ, ետ տուր խաչս։ Չէ՞ որ հաջորդ օրը ետ չուղարկեցիր։ Չէ՞ որ վզիդ է։ Հիմա՞ էլ վզիդ է։

— Վզիս է,— ասաց Ռոգոժինը։

— Դե ուրեմն գնանք։ Ես առանց քեզ չեմ ուզում սկսել իմ նոր կյանքը։ Դու չգիտե՞ս, Պարֆեն, որ իմ նոր կյանքն այսօր սկսվեց։

— Հիմա ինքս եմ տեսնում և ինքս գիտեմ, որ սկսվել է. այդպես էլ կհաղորդեմ նրան։ Բոլորովին քեզ կորցրել ես, Լև Նիկոլաևիչ։

IV

Ռոգոժինի հետ իր ամառանոցին մոտենալով, իշխանը սաստիկ զարմանքով նկատեց, որ իր պայծառ լուսավորված պատշգամբում հավաքվել է աղմկալի ու բազմաթիվ հասարակություն։ Ուրախ խումբը հռհռում էր, աղմկում, կարծես նույնիսկ վիճում էին բղավոցի հասցնելով։ Առաջին հայացքից կարելի էր ենթադրել շատ ուրախ ժամանց է։ Եվ իրոք, պատշգամբ բարձրանալով նա տեսավ, որ բոլորը խմում էին, և խմում էին շամպայն, և, կարծես, արդեն բավական վաղուց, այնպես որ քեֆ անողներից շատերը հասցրել էին բավական հաճելի ոգեշնչվել։ Հյուրերը բոլորը իշխանի ծանոթներն էին, բայց տարօրինակ էր, որ նրանք բոլորը հավաքվել էին միանգամից, կարծես հրավերով, թեև իշխանը ոչ ոքի չէր հրավիրել, իսկ իր ծննդյան օրվա մասին ինքն էլ հենց նոր էր հիշել հանկարծ։

— Երևի մեկին ասել ես, թե շամպայն կհանես մեջտեղ, ահա և հավաքվել են,— մրթմրթաց Ռոգոժինը իշխանի հետևից պատշգամբ բարձրանալով.— մենք էդ կետը լավ գիտենք, նրանց միայն շվվացրու...— ավելացրեց նա գրեթե չարությամբ, իհարկե մտաբերելով իր ոչ հեռու անցյալը։ Բոլորն իշխանին դիմավորեցին աղաղակներով ու բարի ցանկություններով, շրջապատեցին նրան։ Ոմանք շատ աղմկոտ էին, մյուսները շատ ավելի հանդարտ, բայց բոլորն շտապում էին շնորհավորել, լսելով ծննդյան օրվա մասին, և յուրաքանչյուրն սպասում էր իր հերթին։ Մի քանիսի ներկայությունը հետաքրքրեց իշխանին, օրինակ՝ Բուրդովսկու։ Բայց ամենազարմանալին այն էր, որ հանկարծ այդ խմբում էր հայտնվել նաև Եվգենի Պավլովիչը։ Իշխանը գրեթե հավատալ չէր ուզում և քիչ մնաց վախենար, նրան տեսնելով։

Այդ միջոցին Լեբեդևը՝ կարմրատակած ու համարյա հրճվագին, մոտ վազեց բացատրության, նա արդեն լավ քեֆը տեղն էր։ Նրա շաղակրատանքից պարզվեց, որ բոլորը հավաքվել են բոլորովին բնականորեն և նույնիսկ պատահական։ Ամենից առաջ, դեռ իրիկուն չեղած, եկել է Իպոլիտը և, իրեն անհամեմատ լավ զգալով, ցանկացել է պատշգամբում սպասել իշխանին։ Նա տեղավորվել էր բազմոցին. հետո նրա մոտ է եկել Լեբեդևը, ապա նրա ամբողջ ընտանիքը, այսինքն՝ գեներալ Իվոլգինը և աղջիկները։ Բուրդովսկին եկել էր Իպոլիտի հետ, ուղեկցելով նրան։ Գանյան և Պտիցինը մտել էին, կարծես թե, քիչ առաջ, ամառանոցի մոտով անցնելիս (նրանց հայտնվելը զուգադիպում էր կայարանի իրադարձության հետ), ապա հայտնվել էր Կելլերը, հայտարարել ծննդյան օրվա մասին և շամպայն պահանջել։ Եվգենի Պավլովիչը եկել էր ընդամենը կես ժամ առաջ։ Շամպայնի և տոնակատարություն սարքելու մասին ամբողջ ուժով պնդում էր նաև Կոլյան։ Լեբեդևը պատրաստակամությամբ մատուցել էր գինին։

— Բայց իմը, ի՜մը,— թոթովում էր նա իշխանի առաջ,— սեփական խնամքիս տակ առա, որպեսզի փառաբանենք ու շնորհավորենք. հյուրասիրություն էլ կլինի, խորտիկներ էլ կլինեն, դրա մասին էլ աղջիկս հոգ է տանում. բայց, իշխան, եթե իմանայիք, թե ինչ թեմա է պտտվում։ Հիշո՞ւմ եք Համլետը .«Լինե՞լ թե չլինել»։ Ժամանակակից թեմա է, ժամանակակից։ Հարցեր ու պատասխաններ... Եվ պարոն Տերենտևը վերին աստիճանի... չի ուզում քնել։ Իսկ շամպայնը նա միայն կում է արել, կում է արել, վնաս չի տա։ Մոտեցեք, իշխան, և որոշեցեք։ Բոլորը ձեզ էին սպասում, բոլորը հենց միայն սպասում էին ձեր երջանիկ խելքին...

Իշխանը նկատեց սիրուն, փաղաքուշ հայացքը Վերա Լեբեդևայի, որը նույնպես շտապում էր ամբոխի միջից նրա մոտ հասնել։ Բոլորի միջով իշխանն առաջինը նրան պարզեց ձեռքը, աղջիկը բավականությունից բռնկվեց և իշխանին ցանկացավ «երջանիկ կյանք հենց այս օրվանից»։ Ապա սրընթաց վազեց խոհանոց, այնտեղ նա խորտիկներ էր պատրաստում, բայց մինչև իշխանի գալն էլ, հենց որ մի րոպե կարողանում էր գործից կտրվել, գալիս էր պատշգամբ և ամբողջ ուշադրությամբ լսում էր իր համար ամենատարօրինակ և վերացական բաների մասին տաք վիճաբանություններ, որոնք չէին լռում խմած հյուրերի մեջ։ Նրա փոքր Քույրը քնել էր հաջորդ սենյակում, սնդուկի վրա, բայց տղան, Լեբեդևի որդին, կանգնել էր Կոլյայի ու Իպոլիտի մոտ, և միայն նրա ոգևորված դեմքի արտահայտությունը ցույց էր տալիս, որ նա պատրաստ է այստեղ կանգնած մնալ նույն տեղում, թեկուզ էլի մի տասը ժամ շարունակ։

— Ես ձեզ հատկապես սպասում էի և սաստիկ ուրախ եմ, որ եկաք այդպես երջանիկ,— ասաց Իպոլիտը, երբ իշխանը, Վերայից անմիջապես հետո մոտեցավ նրա ձեոքը սեղմելու։

— Իսկ ինչի՞ց գիտեք, որ ես «այսպես երջանիկ» եմ։

— Դեմքից է երևում։ Բարևեցեք պարոններին և շուտ նստեցեք այստեղ մեզ մոտ։ Ես ձեզ հատկապես սպասում էի,— ավելացրեց նա, նշանակալից շեշտելով, որ ինքը սպասում էր։ Իշխանի այն դիտողությանը, թե «չի՞ վնասի նրան այսքան ուշ նստելը»,— նա պատասխանեց, որ ինքն իր վրա զարմանում է, թե ինչպե՞ս երեք օր առաջ ուզում էր մեռնել, և որ երբեք իրեն ավելի լավ չի զգացել, քան այս երեկո։

Բուրդովսկին վեր թռավ և մրթմրթաց, որ ինքը «այնպես...», որ Իպոլիտի հետ է եկել, «ուղեկցել է», և որ նույնպես ուրախ է, որ նամակում ինքը գրել է ցնդաբանություն, իսկ հիմա «ուղղակի ուրախ է...»։ Խոսքը կիսատ թողնելով, նա ամուր սեղմեց իշխանի ձեռքը և նստեց աթոռին։

Ամենից վերջը իշխանը մոտեցավ Եվգենի Պավլովիչին։ Նա անմիջապես թևանցուկ արեց իշխանին։

— Ես ձեզ պետք է միայն երկու խոսք ասեմ,— կիսաձայն շշնջաց նա,— և չափազանց կարևոր հանգամանքի առթիվ, հեռանանք մի րոպե։

— Երկու խոսք,— շշնջաց մի ուրիշ ձայն իշխանի մյուս ականջին, և մի ուրիշ ձեռք թևանցուկ արեց նրան մյուս կողմից։ Իշխանը զարմանքով նկատեց մի սարսափելի գզգզված, կարմրատակած, աչքերը քթթող ու ծիծաղող կերպարանք, հանձին որի անմիջապես ճանաչեց Ֆերդիշչենկոյին, որ աստված գիտե որտեղից էր հայտնվել։

— Ֆերդիշչենկոյին հիշո՞ւմ եք,— հարցրեց սա։

— Որտեղի՞ց հայտնվեցիք,— գոչեց իշխանը։

— Նա զղջում է,— բղավեց մոտ վազած Կելլերը,— նա թաքնվել էր, նա չէր ուզում ձեր աչքին երևալ, նա թաքնվել էր այնտեղ անկյունում, նա զղջում է, իշխան, նա իրեն մեղավոր է զգում։

— Բայց ինչո՞ւմ, ինչո՞ւմ։

— Այդ ե՛ս նրան հանդիպեցի, իշխան, հիմա ես հանդիպեցի նրան ու բերի. սա իմ հազվագյուտ ընկերներից է. բայց նա զղջում է։

— Շատ ուրախ եմ, պարոնայք, գնացեք նստեցեք այնտեղ, բոլորի մոտ, ես հիմա կգամ,— վերջապես օձիքն ազատեց իշխանը, շտապելով Եվգենի Պավլովիչի մոտ։

— Այստեղ ձեզ մոտ հետաքրքիր է,— նկատեց նա,— և ես բավականությամբ սպասեցի ձեզ մոտ կես ժամ։ Ահա թե ինչ, ամենասիրելի Լև Նիկոլաևիչ, ես ամեն ինչ հարթեցի Կուրմիշևի հետ և անցա ձեզ հանգստացնելու, դուք անհանգրստանալու բան չունեք, նա շատ, շատ խելամտորեն ընդունեց գործը, առավել ևս որ, իմ կարծիքով, ավելի շուտ ինքն է մեղավոր։

— Ի՞նչ Կուրմիշև։

— Դե նա, որի ձեռքերը բռնեցիք այն ժամանակ... Նա այնպես կատաղած էր, որ արդեն ուզում էր վաղը մարդ ուղարկել ձեզ մոտ բացատրությունների համար։

— Բավական է, ի՜նչ հիմար բան։

— Հարկավ հիմար բան և հավանաբար հիմար ձևով էլ կվերջանար. բայց մեզանում այդ մարդիկ...

— Դուք երևի մի ուրիշ բանի համար է՞լ եք եկել, Եվգենի Պավլովիչ։

— Օ, իհարկե, մի ուրիշ բանի համար էլ,— ծիծաղեց սա։— Ես, սիրելի իշխան, վաղը լույսը չբացված գնում եմ Պետերբուրգ այդ դժբախտ գործով (դե ահա, հորեղբորս գործով), պատկերացրեք, այդ ամենը ճիշտ է և արդեն բոլորը գիտեն, բացի ինձանից։ Դա ինձ այնպես շշմեցրեց, որ ժամանակ չունեցա անցնել այնտեղ (Եպանչինների մոտ), վաղն էլ չեմ գնա, որովհետև Պետերբուրգում կլինեմ, հասկանո՞ւմ եք։ Գուցե մի երեք օր այստեղ չեմ լինի, մի խոսքով, իմ գործերն սկսել են կաղալ։ Թեև անսահմանորեն կարևոր մի գործ չէ, բայց ես մտածեցի, որ պետք է որոշ հարցերում ամենայն անկեղծությամբ բացատրվեմ ձեզ հետ, և առանց ժամանակ կորցնելու, այսինքն՝ մինչև մեկնելս։ Ես հիմա կնստեմ ու կսպասեմ, եթե թույլ կտաք, մինչև խումբը ցրվի. համ էլ տեղ չեմ գտնում, այնպես հուզված եմ, որ քնելու էլ չեմ պառկի։ Վերջապես, թեև անխղճություն ու անվայելուչ բան է մարդուն այսպես ուղղակի հետապնդելը, բայց ձեզ ուղղակի կասեմ, ես եկել եմ գտնելու ձեր մտերմությունը, իմ սիրելի իշխան, դուք աննման մարդ եք, այսինքն՝ չեք ստում ամեն քայլափոխի, գուցե և բոլորովին չեք ստում, իսկ ինձ մի գործում հարկավոր է մտերիմ ու խորհրդատու, որովհետև ես հիմա հաստատապես դժբախտների թվին եմ պատկանում։

Նա նորից ծիծաղեց։

— Այ թե ցավը որն է,— մի րոպե մտածմունքի մեջ ընկավ իշխանը,— դուք ուզում եք սպասել, մինչև նրանք ցրվեն, բայց ախր աստված գիտի, թե երբ կլինի դա։ Ավելի լավ չէ՞ հիմա գնանք զբոսայգի, նրանք կսպասեն, ես ներողություն կխնդրեմ։

— Չէ-չէ՜, ես իմ պատճառներն ունեմ, որ մեզ չկասկածեն հատուկ նպատակով արտակարգ խոսակցության մեջ. այստեղ կան մարդիկ, որոնք շատ են հետաքրքրվում մեր հարաբերություններով, դուք այդ չգիտե՞ք, իշխան։ Եվ շատ ավելի լավ կլինի, եթե տեսնեն, որ առանց այն էլ ամենաընկերասիրական հարաբերությունների մեջ ենք, և ոչ թե միայն արտակարգ հարաբերությունների մեշ, հասկանո՞ւմ եք. նրանք մի երկու ժամից կցրվեն, ես ձեզնից կխլեմ մի քսան րոպե, շատ-շատ՝ կես ժամ...

— Ի սե՜ր աստծո, խնդրեմ. առանց բացատրությունների էլ ես շատ ուրախ եմ. մտերմական հարաբերությունների մասին ասած ձեր բարի խոսքերի համար շատ շնորհակալ եմ։ Ներեցեք, որ այսօր ցրված եմ. գիտե՞ք, այս րոպեիս մի տեսակ ոչ մի կերպ չեմ կարող ուշադիր լինել։

— Տեսնում եմ, տեսնում,— փնթփնթաց Եվգենի Պավլովիչը թեթև քմծիծաղով։ Նա շատ ծիծաղկոտ էր այդ երեկո։

— Ի՞նչ եք տեսնում,— ցնցվեց իշխանը։

— Դուք չեք էլ կասկածում, սիրելի իշխան,— շարունակում էր Եվգենի Պավլովիչը, չպատասխանելով ուղղակի հարցին դուք չե՞ք կասկածում, որ ես եկել եմ ձեզ ուղղակի խաբելու և կողմնակի կերպով որևէ խոսք դուրս քաշելու, հը՞։

— Որ եկել եք խոսք քաշելու, դրանում նույնիսկ կասկած չկա,— վերջապես ծիծաղեց իշխանն էլ,— և նույնիսկ, կարող է պատահել, դուք վճռել եք մի քիչ նաև խաբել ինձ։ Բայց ի՞նչ կա որ, ես ձեզանից չեմ վախենում. համ էլ ինձ համար հիմա կարծես թե միևնույն է, կհավատա՞ք։ Եվ... և... և քանի որ ես ամենից առաջ համոզված եմ, որ դուք այնուամենայնիվ հիանալի մարդ եք, ապա մենք, ով գիտի, իսկապես էլ ի վերջո բարեկամաբար մտերմանանք։ Դուք ինձ շատ դուր եկաք, Եվգենի Պավլովիչ, իմ կարծիքով դուք... շատ, շատ կարգին մարդ եք։

— Դե, համենայն դեպս, ձեզ հետ շատ հաճելի է գործ ունենալ, նույնիսկ ինչպիսի գործ ուզում է լինի,— եզրակացրեց Եվգենի Պավլովիչը,— ես ձեր կենացը մի բաժակ կխըմեմ. և շատ գոհ եմ, որ ձեզ միացա։ Ա՜,— կանգ առավ նա հանկարծ,— այդ պարոն Իպոլիտը փոխադրվել է ձեզ մո՞տ ապրելու։

— Այո։

— Կարծում եմ նա այս րոպեիս չի մեռնի, այնպես չէ՞։

— Իսկ ի՞նչ կա։

— Այնպես, ոչինչ. ես այստեղ կես ժամ նրա հետ մնացի...

Իպոլիտն այդ ամբողջ ժամանակ սպասում էր իշխանին և անընդհատ նայում էր նրան ու Եվգենի Պավլովիչին, երբ նրանք խոսում էին մի կողմ քաշված։ Նա տենդորեն աշխուժացավ, երբ նրանք մոտեցան սեղանին։ Նա անհանգիստ ու հուզված էր, ճակատին քրտինք էր դուրս տվել։ Նրա պսպղուն աչքերում բացի թափառող, մշտական անհանգստությունից, արտահայտվում էր նաև ինչ-որ անորոշ անհամբերություն. նրա հայացքը աննպատակ անցնում էր առարկայից առարկա, մի դեմքից մյուսին։ Թեև ընդհանուր աղմկալի խոսակցությանը մինչև հիմա նա մեծ մասնակցություն ուներ, բայց նրա ոգևորությունը միայն տենդային էր. բուն խոսակցությանը նա անուշադիր էր. նրա վիճաբանությունն անկապ էր, ծաղրական ու անփութորեն պարադոքսային, նա անավարտ էր թողնում և դադարում խոսելուց այն մասին, ինչ մի րոպե առաջ ինքն էր սկսում տենդոտ խանդավառությամբ։ Իշխանը զարմանքով ու ափսոսանքով իմացավ, որ այդ երեկո նրան անարգել թույլ էին ավել երկու լիք բաժակ շամպայն խմել և որ նրա առջևի սկսած բաժակը արդեն երրորդն էր։ Բայց նա հետո միայն իմացավ դա. իսկ այս րոպեիս այնքան էլ ուշադիր չէր։

— Իսկ գիտե՞ք, որ ես անչափ ուրախ եմ, որ հենց այսօր է ձեր ծննդյան օրը,— բղավեց Իպոլիտը։

— Ինչո՞ւ։

— Կտեսնեք. շուտ արեք, նստեցեք, նախ և առաջ հենց նրա համար, որ հավաքվել են ձեր այս բոլոր... մարդիկ։ Ես այդպես էլ հույս ունեի, որ մարդիկ կլինեն, կյանքումս առաջին անգամ է հույսս արդարանում։ Բայց ափսոս, որ չգիտեի ձեր ծննդյան մասին, թե չէ նվերով կգայի... Հա՜-հա՜։ Դե, գուցե, ես հենց նվերով եմ եկել։ Լուսանալուն շա՞տ կա։

— Մինչև լուսաբացը երկու ժամ էլ չի մնում,— նկատեց Պտիցինը, ժամացույցին նայելով։

— Բայց հիմա ինչի՞ համար է պետք լուսաբացը, երբ դուրսը առանց այն էլ կարդալ կարելի է,— նկատեց մեկը։

— Նրա համար, որ ինձ պետք է տեսնել արևի եզրիկը։ Կարելի՞ է խմել արևի կենացը, իշխան, ի՞նչ եք կարծում։

Իպոլիտը հարցնում էր կոպիտ, բոլորին դիմելով առանց այլևայլության, ասես հրաման էր արձակում, բայց, կարծես, ինքը չէր նկատում այդ։

— Խմենք, թերևս, միայն թե դուք հանգստանայիք, հը՞, Իպոլիտ։

— Դուք շարունակ քնելու մասին եք խոսում, դուք, իշխան, իմ դայա՞կն եք։ Հենց որ արևը ծագի և «երգի» երկնքում (այդ ո՞վ է ասել բանաստեղծությամբ «հիմն է երգում արփին». անիմաստ է, բայց լավ է), մենք կքնենք։ Լեբեդև։ Չէ՞ որ արևը կյանքի աղբյուրն է։ Ի՞նչ է նշանակում «կյանքի աղբյուրը» հայտնության մեջ։ Դուք լսե՞լ եք «Օշինդր աստղի» մասին, իշխան։

— Ես լսել եմ, որ Լեբեդևն այդ «Օշինդր աստղն» ընդունում է Եվրոպայում տարածված երկաթուղու ցանցի տեղ։

— Ոչ, թույլ տվեք, այդպես չի՜ կարելի,— բղավեց Լեբեդևը, վեր թռչելով ու թևերը թափահարելով, կարծես կամենալով դադարեցնել սկսվող ընդհանուր ծիծաղը,— թույլ տվեք։ Այս պարոնների հետ... այս բոլոր պարոնները դարձավ հանկարծ նա իշխանին,— չէ՞ որ դա որոշ առումով է, ահա թե ինչ...— և նա առանց քաշվելու երկու անգամ խփեց սեղանին, որից ծիծաղն ավելի սաստկացավ։

Լեբեդևը թեև իր սովորական «իրիկնային» վիճակում էր, բայց այս անգամ չափազանց բորբոքված ու գրգռված էր դրան նախորդած «գիտական» երկար վիճաբանությունից, իսկ այդպիսի դեպքերում դեպի իր ընդդիմախոսները վերաբերվում էր անսահման և վերին աստիճանի բացահայտ արհամ արհանքով։

— Այդ այդպես չէ։ Մենք, իշխան, կես ժամ առաջ պայման կապեցինք, որ չնդհատեն, որպեսզի չհռհռան, քանի դեռ որևէ մեկը խոսում է, որպեսզի թույլ տան նրան ազատորեն ամեն ինչ ասել, իսկ հետո թող աթեիստները, եթե ուզում են, առարկեն. մենք գեներալին նախագահ կարգեցինք, ահա՛։ Թե չէ ի՞նչ։ Այդպես ամեն մեկին կարելի է շշկլեցնել, ամեն մի մտքի վրա, խորունկ մտքի...

— Դե խոսեցեք, խոսեցեք, ոչ ոք չի շշկլեցնում,— հնչեցին ձայներ։

— Խոսեցեք, բայց անհեթեթ բաներ մի ասեք։

— Այդ ի՞նչ «Օշինդր աստղ» է,— տեղեկացավ մեկը։

— Գաղափար չունեմ,— պատասխանեց գեներալ Իվոլգինը, գոռոզ տեսքով գրավելով նախագահի իր նոր տեղը։

— Ես զարմանալի սիրում եմ այս բոլոր վեճերն ու գրգիռները, իշխան, հասկանալի է, գիտական,— այդ միջոցին մրթմրթում էր Կելլերը, կատարյալ արբեցած ու անհամբեր շուռումուռ գալով աթոռի վրա,— գիտական և քաղաքական,— անսպասելիորեն դարձավ նա հանկարծ Եվգենի Պավլովիչին, որ նստած էր համարյա նրա կողքին։— Գիտե՞ք, ես շատ եմ սիրում թերթերում կարդալ անգլիական պառլամենտների մասին, այսինքն՝ ոչ այն մտքով, թե նրանք ինչի մասին են դատողություններ անում այնտեղ (ես, գիտե՞ք, քաղաքագետ չեմ) այլ այն, թե ինչպե՞ս են նրանք իրար հետ բացատրվում, ինչպես են իրենց պահում, այսպես ասած, իբրև քաղաքագետներ. «դիմացս նստած ազնիվ վիկոնտը», «ազնիվ կոմսը, որն ինձ համամիտ ՝», «իմ ազնիվ ընդդիմախոսը, որը զարմացրեց Եվրոպան իր առաջարկությամբ», այսինքն՝ ահա բոլոր այս արտահայտությունները, ազատ ժողովրդի այդ ամբողջ պառլամենտարիզմը — ահա թե ինչն է հրապուրիչ մեզպեսների համար։ Ես գերվում եմ, իշխան։ Ես միշտ արտիստ եմ եղել հոգուս խորքում, երդվում եմ ձեզ, Եվգենի Պավլովիչ։

— Սրանից հետո էլ ի՞նչ,— բորբոքվում էր մի ուրիշ անկյունում Գանյան,— ձեր կարծիքով դուրս է գալիս, որ երկաթուղիները անիծվա՞ծ են, որ նրանք մարդկության կործանո՞ւմն են, որ դրանք երկրի վրա իջած խո՞ց են, որպեսզի պղտորեն «կյանքի աղբյուրները»։

Գավրիլա Արդալինովիչը այդ երեկո առանձնապես հուզված տրամադրության մեջ էր, և ուրախ, գրեթե հրճվագին տրամադրության մեջ, ինչպես թվաց իշխանին։ Լեբեդևի հետ նա, իհարկե, կատակում էր, բորբոքելով նրան, բայց շուտով ինքն էլ տաքացավ։

— Ոչ թե երկաթուղիները, ո՜չ,— առարկում էր Լեբեդևը միաժամանակ և՛ փրփրելով, և՛ անչափելի բավականություն ստանալով,— մենակ բուն երկաթուղիները չեն պղտորի կյանքի աղբյուրները, իսկ այդ բոլորը ամբողջովին անիծված է, մեր վերջին դարերի այդ ամբողջ տրամադրությունը, նրա ընդհանուր ամբողջությամբ, գիտական ու գործնական, կարող է պատահել, իսկապես որ անիծված է։

— Հաստա՞տ անիծված է, թե միայն կարող է պատահել։ Չէ՞ որ սա կարևոր է այս դեպքում,— տեղեկացավ Եվգենի Պավլովիչը։

— Անիծված է, անիծված, հաստատ անիծված — կրակ կտրած հաստատեը Լեբեդևը։

— Մի շտապեք, Լեբեդև, դուք առավոտները շատ ավելի բարի եք,— ժպտալով նկատեց Պտիցինը։

— Բայց դրա փոխարեն երեկոներն ավելի անկեղծ եմ։ Երեկոներն ավելի մտերմական ու անկեղծ, եմ,— եռանդով նրա կողմը դարձավ Լեբեդևը,— ավելի պարզասիրտ եմ ու որոշակի, ավելի ազնիվ ու հարգալիր, ու թեև դրանով ես կողքս ձեր հարվածի տակ եմ դնում, բայց թքա՛ծ, ես ձեզ բոլորիդ մարտի եմ հրավիրում հիմա, բոլոր աթեիստներիդ, ինչո՞վ կփրկեք դուք աշխարհը և ինչում եք գտել նրա նորմալ ուղին. դուք՝ գիտության, արդյունաբերության, ասոցիացիաների, աշխատավարձի և այլ բաների մարդիկդ։ Ինչո՞վ։ Վարկո՞վ։ Ի՞նչ բան է վարկը։ Ձեզ ո՞ւր կհասցնի վարկը։

— Ա՜յ թե հետաքրքրություն ունեք,— նկատեց Եվգենի Պավլովիչը։

— Իսկ իմ կարծիքն այն է, որ ով այդպիսի հարցերով չի հետաքրքրվում, նա բարձրաշխարհիկ շենապան[27] է։

—- Դե գոնե կհանգեցնի համընդհանուր համերաշխության և շահերի հավասարակշռության,— նկատեց Պտիցինը։

— Եվ միայն, միա՜յն։ Չընդունելով ոչ մի բարոյական հիմք, բացի անձնական էգոիզմից և նյութական անհրաժեշտությունի՞ց։ Համընդհանուր խաղաղություն, համընդհանուր երջանկություն՝ անհրաժեշտությունի՞ց։ Արդյոք այդպե՞ս պետք է հասկանալ ձեզ, եթե համարձակվեմ հարցնել, ողորմած տեր իմ։

— Բայց ախր ապրելու, ուտելու և խմելու, իսկ վերջապես ավելի լիակատար, գիտական համոզմունքն այն մասին, որ դուք այդ անհրաժեշտությունը չեք բավարարի առանց շահերի համ ընդհանուր ասոցիացիայի և համերաշխության, կարծես թե բավականաչափ հաստատուն միտք է, որպեսզի հենակետ և «կյանքի աղբյուր» լինի մարդկության ապագա դարերի համար,— նկատեց արդեն լրջորեն տաքացած Գանյան։

— Ուտելու և խմելու անհրաժեշտությունը, այսինքն՝ լոկ ինքնապահպանման զգացումը...

— Բայց մի՞թե քիչ է լոկ ինքնապահպանման զգացումը։ Չէ՞ որ ինքնապահպանման զգացումը մարդկության նորմալ օրենքն է...

— Այդ ո՞ւվ ասաց,— բղավեց հանկարծ Եվգենի Պավլովիչը,— այդ ճիշտ է, օրենք է, բայը նույնքան նորմալ, որքան և ավերման օրենքը, իսկ թերևս նաև ինքնավերման։ Մի՞թե միայն ինքնապահպանման մեջ է մարդկության ողջ նորմալ օրենքը։

— Էհե՜,— բացականչեց Իպոլիտը, արագ շրջվեց Եվգենի Պավլովիչի կողմը և արտասովոր հետաքրքրությամբ սկսեց զննել նրան. բայց տեսնելով, որ նա ծիծաղում է, ինքն էլ ծիծաղեց, բոթեց կողքին կանգնած Կոլյային և նորից հարցրեց նրան, թե ժամը քանիսն է, նույնիսկ ինքը դեպի իրեն քաշեց Կոլյայի արծաթե ժամացույցը և ագահորեն նայեց սլաքին։ Ապա, կարծես ամեն ինչ մոռանալով, նա ձգվեց բազմոցի վրա, ձեռները մեկնեց գլխավերևը և սկսեց նայել առաստաղին. կես րոպե անց նա նորից նստած էր սեղանի առաջ շտկված և ունկնդրելով ծայր աստիճան տաքացած Լեբեդևի շաղակրատանքը։

— Խորամանկ և ծաղրալի միտք, նախատակա՜ն միտք, ագահորեն որսաց Լեբեդևը Եվգենի Պավլովիչի պարադոքսը,— ախոյաններին կռվի հրահրելու նպատակով արտահայտած միտք, բայց ճի՜շտ միտք։ Որովհետև դուք, բարձրաշխարհիկ ծաղրասեր ու կավալերիստ (թեև ոչ առանը ընդունակությունների), ինքներդ էլ չգիտեք, թե ձեր միտքը ի՜նչ աստիճանի խոր միտք է, ճի՜շտ միտք է։ Այո֊ո՛։ Ինքնավերման և ինքնապահպանման օրենքը միանման ուժեղ է մարդկության մեջ։ Սատանան նույն ձևով իշխում է մարդկության վրա մինչև ժամանակների մեզ դեռ անհայտ սահմանը։ Դուք ծիծաղո՞ւմ եք։ Դուք չե՞ք հավատում սատանային։ Սատանային չհավատալը ֆրանսիական միտք է, թեթև միտք է։ Գիտե՞ք արդյոք, թե ով է սատանան։ Գիտե՞ք արդյոք, թե ինչ է նրա անունը։ Եվ նույնիսկ նրա անունը չիմանալով, Վոլտերի օրինակով դուք ծիծաղում եք նրա ձևի վրա, ձեր իսկ հնարած՝ նրա կճղակների, պոչի ու պոզերի վրա, որովհետև պիղծ ոգին մեծ և ահեղ ոգի է և ոչ թե մի արարած կճղակներով ու պոզերով, որ դուք եք վերագրել նրան։ Բայց հիմա նա՛ չի բանը...

— Ինչի՞ց գիտեք, որ հիմա նա չի բանը,— հանկարծ բղավեց Իպոլիտը և հռհռաց կարծես նոպայի մեշ։

— Ճարպիկ և ակնարկո՜ղ միտք,— գովեց Լեբեդևը,— բայց դարձյալ նա չի բանը, այ, մեր հարցն այն է, թե արդյոք չե՞ն թուլացել «կյանքի աղբյուրները» ուժեղացմամբ...

— Երկաթուղիների՞,— բղավեց Կոլյան։

— Ոչ թե երկաթուղիների, երիտասարդ, բայց մոլեգնած անչափահաս, այլ այն ողջ ուղղության, որոնց երկաթուղիները կարող են ծառայել, այսպես ասած, որպես պատկեր, գեղարվեստական արտահայտություն։ Աճապարում են, թրխկացնում, շրխկացնում և, ասում են, թե շտապում են մարդկության երջանկությա՜ն համար։ «Չափազանց աղմկալի ու արդյունաբերական է դառնում մարդկությունը, քիչ է հոգևոր հանգստությունը»,— գանգատվում է մի հեռացած մտածող։ «Թող այդպես լինի, բայց քաղցած մարդկությանը հաց կրող սայլերի թխկթխկոցը գուցե ավելի լավ է հոգևոր հանգստությունից»,— հաղթականորեն պատասխանում է նրան մի այլ մտածող, որ շրջում է ամենուրեք և սնապարծությամբ հեռանում է առաջինից։ Չեմ հավատում ես, նողկալի Լեբեդևս, մարդկությանը հաց կրող սայլերին։ Որովհետև ամբողջ մարդկությանը հաց կրող սայլերը, առանց իրենց արարմունքի համար բարոյական հիմք ունենալու, կարող են ամենասառնարյուն կերպով մարդկության նշանակալից մասին զրկել իրենց կրած հացի հաճույքից, որը և արդեն եղել է...

— Այդ սայլե՞րը կարող են ամենասառնարյուն կերպով զրկել,— վրա բերեց մեկը։

— Որը և արդեն եղել է,— հաստատեց Լեբեդևը, ուշադրության չարժանացնելով հարցը,— արդեն եղել է Մալթուսը, մարդկության բարեկամը։ Բայց բարոյական երերուն հիմքեր ունեցող մարդկության բարեկամը մարդկության մարդակեր է, չխոսելով նրա սնափառության մասին, որովհետև փորձեցեք վիրավորել մարդկության անհամար բարեկամներից որևէ մեկի սնափառությունը, և նա անմիջապես պատրաստ է, մանր վրիժառությունից դրդված, աշխարհը հրդեհել չորս կողմից, ի դեպ, ճիշտ այնպես, ինչպես մեզնից յուրաքանչյուրը, արդարն ասած, ինչպես և ես, բոլորից ամենանողկալին, որովհետև ես, գուցե առաջինը փայտ կբերեմ, իսկ ինքս հեռու կփախչեմ։ Բայը դարձյալ բանն այդ չէ։

— Հապա ո՞րն է վերջապես։

— Զանձրացրե՜ց։

— Բանը անցած դարերից եկող հետևյալ անեկդոտն է, որովհետև ես հարկադրված եմ անցած դարերի անեկդոտ պատմել։ Մեր ժամանակ, մեր հայրենիքում, որը, հուսով եմ, սիրում եք, ինչպես և ես, պարոնայք, որովհետև ես իմ կողմից պատրաստ եմ նույնիսկ ողջ արյունս հեղել...

— Հետո՜։ Հետո՜։

— Մեր հայրենիքում, ինչպես նաև Եվրոպայում, համընդհանուր, ամենուրեքյա և սարսափելի սովեր են այցելում մարդկությանը, ըստ հնարավոր հաշվառման և որքան կարողանում եմ հիշել, հիմա ոչ ավելի հաճախ, քան քառորդ դարում մեկ անգամ, այլ խոսքերով ասած, յուրաքանչյուր քսանհինգամյակում մեկ անգամ։ Չեմ վիճում ստույգ թվի մասին, բայց համեմատաբար շատ հազվադեպ։

— Ինչի՞ հետ համեմատաբար։

— Տասներկուերորդ հարյուրամյակի և նրան հարևան հարյուրամյակների՝ թե մեկ և թե մյուս կողմից։ Որովհետև այն ժամանակ, ինչպես գրում և հաստատում են գրողները, մարդկության մեջ համընդհանուր սովերը նրան այցելում էին երկու տարին մեկ կամ ծայրահեղ դեպքում երեք տարին մեկ, այնպես որ իրերի այդ դրության պայմաններում մարդ դիմում էր նույնիսկ մարդակերության, թեպետև գաղտնիք պահելով։ Այդպիսի ձրիակերներից մեկը, ծերության մոտենալով, ինքն իրեն, և առանց որևէ հարկադրանքի հայտարարել է, որ նա իր երկարատև ու աղքատիկ կյանքի ընթացքում մեռցրել և կատարելապես գաղտնի անձամբ կերել է վաթսուն վանական և մի քանի աշխարհիկ մանուկներ, մի վեց հատ, ոչ ավելի, այսինքն՝ իր կերած հոգևորականների քանակի համեմատությամբ շատ քիչ։ Իսկ աշխարհիկ հասակավոր մարդկանց, ինչպես պարզվել է, նա այդ նպատակով երբեք ձեռք չի տվել։

— Այդ չի՛ կարող պատահել,— բղավեց նախագահն ինքը, գեներալը, համարյա նույնիսկ վիրավորված ձայնով,— ես հաճախ եմ նրա հետ խոսում ու վիճում, պարոնայք, և շարունակ նման մտքերի մասին, բայց ամենից հաճախ նա այնպիսի անհեթեթ բաներ է առաջ քաշում, որ նույնիսկ մարդ չի ուզում լսել, մի՜ գրոշի ճշմարտություն չկա։

— Գեներա՜լ։ Հիշիր Կարսի պաշարումը, իսկ դուք, պարոնայք, գիտցեք, որ իմ անեկդոտը մերկ ճշմարտություն է։ Իսկ իմ կողմից կասեմ, որ գրեթե ամեն մի իրականություն թեև ունի իր անվիճելի փոփոխությունները, բայց գրեթե միշտ անհավանական է և ոչ ճշմարտանման։

— Բայց մի՞թե կարելի է. վաթսուն ճգնավոր ուտել,— ծիծաղում էին շուրջը։

— Թեև նա կերել է ոչ միանգամից, որ ակնհայտ է, բայց կարող է պատահել, տասնհինգ կամ քսան տարվա ընթացքում, որ արդեն միանգամայն հասկանալի է և բնական...

— Եվ բնակա՜ն։

— Եվ բնակա՜ն,— մանրախնդիր համառությամբ հակահարձակ էր լինում Լեբեդևը,— և բացի ամեն ինչից, կաթոլիկ վանականը արդեն իր բուն բնությամբ հաճկատար ու հետաքրքրասեր է, և նրան շատ հեշտ է հրապուրել անտառ կամ որևէ մեկուսի տեղ և այնտեղ նրա հետ վարվել վերը ասվածի ձևով. այնուամենայնիվ չեմ վիճում, որ կերված անձանց քանակը չափազանց շատ է, նույնիսկ անժուժկալության աստիճան։

— Գուցե և ճիշտ է դա, պարոնայք,— նկատեց հանկարծ իշխանը։

Մինչև հիմա նա լուռ լսում էր վիճաբանողներին և խոսակցությանը չէր խառնվում, հաճախ սրտանց ծիծաղում էր, հետևելով ընդհանուր ծիծաղի պոռթկումին։ Երևում էր, որ նա սաստիկ ուրախ էր, որ այդպես ուրախ, այդպես աղմկալի է, նույնիսկ նրա համար, որ այդքան շատ են խմում։ Գուցե նա ոչ մի բառ էլ չարտասաներ ամբողջ երեկո, բայց հանկարծ կարծես թե որոշեց խոսել։ Իսկ խոսել սկսեց արտակարգ լրջությամբ, այնպես որ բսլորը հանկարծ հհտաքրքրությամբ շրջվեցին դեպի նա։

— Ես, պարոնայք, ուզում եմ ասել, որ այն ժամանակ լինում էին այդպիսի հաճախակի սովեր։ Դրա մասին ես էլ եմ լսել, թեև վատ գիտեմ պատմությունը։ Բայց, կարծեմ, հենց այդպես էլ պետք է եղած լինի։ Երբ շվեյցարական լեռներն ընկա, շատ էի զարմանում լեռնալանջերին, սեպ ժայռերի վրա և ուղղաբերձ բարձունքից առնվազն կես վերստ (դա նշանակում է մի քանի վերստ արահետներով) հեռու կառուցած ասպետական հին ամրոցների փլատակների վրա։ Հայտնի է, թե ինչ բան է ամրոցը, դա քարերի մի ամբողջ սար է։ Սարսափելի, անհնա՜ր աշխատանք։ Եվ ինչ խոսք, դա կառուցել են այդ բոլոր թշվառ մարդիկ, վասալները։ Բացի դրանից, նրանք պետք է ամեն տեսակ տուրքեր տային և պահեին հոգևորականությանը։ Էլ ե՞րբ կարող էին իրենց կերակրել և հողը մշակել։ Սրանք այն ժամանակ քիչ էին, ըստ երևույթին շատ էին մեռնում սովից, և գուցե տառացիորեն ուտելու բան չունեին։ Ես նույնիսկ երբեմն մտածում էի, թե ինչպե՞ս այն ժամանակ բոլորովին չոչնչացան այդ մարդիկ և մի բան չպատահեց նրանց, ինչպե՞ս կարողացան տանել ու դիմանալ։ Որ կային մարդակերներ և, գուցե, շատ շատ, ապա դրանում Լեբեդևն, անկասկած, իրավացի է, միայն չգիտեմ նա ինչո՞ւ այստեղ խառնեց հատկապես վանականներին և դրանով ի՞նչ է ուզում ասել։

— Երևի այն, որ տասներկուերորդ դարում միայն վանականներին կարելի էր ուտել, որովհետև միայն նրանք էին գեր,— նկատեց Գավրիլա Արդալիոնովիչը։

— Ամենահիանալի և ամենաճիշտ մի՜տք,— բղավեց Լեբեդևը,— որովհետև աշխարհիկներին նա նույնիսկ ձեռք չէր տվել։ Ոչ մի հատիկ աշխարհիկ՝ վաթսուն համար հոգևորականի դիմաց, և դա սարսափելի միտք է, պատմական միտք է, վիճակագրական միտք է, վերջապես, և կարողացողը հենց այսպիսի փաստերից է վերստեղծում պատմությունը, որովհետև թվական ճշգրտության է հասցվում, որ հոգևորականությունը առնվազն վաթսուն անգամ ավելի երջանիկ ու ազատ է ապրել, քան այն ժամանակվա մնացած ամբողջ մարդկությունը։ Եվ կարող է պատահել, առնվազն վաթսուն անգամ ավելի գեր է եղել մնացած ամբողջ մարդկությունից...

— Չափազանցություն է, չափազանցությո՜ւն, Լեբեդև,— հոհռում էին չորս կողմը։

— Համաձայն եմ, որ պատմական միտք է, բայց ինչի եք հանգում,— շարունակում էր հարցնել իշխանը։ (Նա խոսում էր այնպիսի լրջությամբ և Լեբեդևի նկատմամբ, որի վրա բոլորը ծիծաղում էին, ամենայն կատակի ու ծաղրի այնպիսի բացակայությամբ, որ նրա տոնը, ամբողջ կամպանիայի ընդհանուր տոնի մեջ, ակամա դառնում էր կոմիկական. մի քիչ էլ՝ և կսկսեին նրա վրա էլ ծիծաղել, բայց նա այդ բանը չէր նկատում)։

— Մի՞թե չեք տեսնում, իշխան, որ սա ցնդած է,— նրա ականջին թեքվեց Եվգենի Պավլովիչը։— Ինձ քիչ առաջ այստեղ ասացին, որ նա խելքը թռցրել է փաստաբանության և փաստաբանական ճառերի վրա և ուզում է քննություն Բռնել։ Ես սպասում եմ հիանալի պարոդիայի։

— Ես հանգում եմ հսկայական եզրակացության,— այդ միջոցին որոտում էր Լեբեդևը։— Բայց ամենից առաջ քննենք ոճրագործի հոգեբանական և իրավաբանական վիճակը։ Մենք տեսնում ենք, որ ոճրագործը կամ, այսպես ասած, իմ կլիենտը, չնայած ուրիշ ուտելի բան գտնելու անհնարինությանը, իր հետաքրքիր կարիերայի ընթացքում մի քանի անգամ դրսևորում է զղջալու ցանկություն և իրենից վանում է հոգևորականությանը։ Մենք դա պարզ տեսնում ենք փաստերից. հիշատակվում է, որ նա այնուամենայնիվ հո կերե՞լ է հինգ թե վեց մանուկ, համեմատաբար չնչին թիվ, դրա փոխարեն՝ նշանակալից այլ տեսակետից։ Երևում է, որ տանջվելով սարսափելի խայթերից (քանի որ իմ կլիենտը կրոնասեր ու խղճով մարդ է, որ ես կապացուցեմ) և որպեսզի ըստ հնարավորին նվազեցնի իր ոճիրը, նա, փորձի համար, վեց անգամ վանական սնունդը փոխել է աշխարհիկ սնունդով։ Որ փորձի համար է փոխել, դա նորից անկասկած է, որովհետև եթե միայն գաստրոնոմիական տարատեսակության համար լիներ, ապա վեց թիվը շատ չնչին կլիներ, ինչո՞ւ միայն վեց համար և ոչ թե երեսուն։ (Ես վերցնում եմ կեսին կես)։ Բայց եթե դա միայն փորձի համար է եղել, միայն սրբապղծության և եկեղեցականը վիրավորելու վախի հուսահատությունից, ապա այդ ժամանակ վեց թիվը դառնում է շատ հասկանալի, որովհետև վեց փորձը, խղճի խայթը բավարարելու համար, ավելի քան բավական է, որովհետև չէ՞ որ փորձերը չէին կարող հաջող լինել։ Եվ, նախ և առաջ, իմ կարծիքով, մանուկը շատ փոքր է, այսինքն՝ խոշոր չէ, այնպես որ որոշակի ժամանակի համար կպահանջվեին եռակի, հնգակի անգամ ավելի մեծ թվով մանուկներ, քան հոգևորականներ, այնպես որ, եթե նույնիսկ մեղքը մի կողմից պակասում էր, ապա վերջ ի վերջո ավելանում էր մյուս կողմից, եթե ոչ որակով, ապա քանակով։ Այսպես դատելով, պարոնայք, իհարկե, հասկանում եմ տասներկուերորդ դարի ոճրագործի սրտում եղածը։ Ինչ վերաբերում է ինձ՝ տասնիններորդ դարի մարդուս, ապա ես, գուցե, այլ կերպ դատեի, որի մասին և իրազեկ եմ դարձնում ձեզ, այնպես որ, կարիք չկա, պարոնայք, որ սեպերդ ցույց տաք ինձ, իսկ ձեզ, գեներալ, արդեն բոլորովին վայել չէ։ Երկրորդ՝ մանուկը, իմ անձնական կարծիքով, սննդարար չէ, կարող է պատահել նույնիսկ շատ քաղցրումեղցր է, այնպես որ պահանջը չբավարարելով, թողնում է միայն խղճի խայթեր։ Հիմա եզրակացությունը, ֆինալը, պարոնայք, ֆինալը, որն իր մեջ պարունակում է այն ժամանակվա և մեր ժամանակվա մեծագույն հարցերից մեկի լուծումը։ Ոճրագործը բանը նրանով է վերջացնում, որ գնում և իրեն մատնում է հոգևորականությանը և հանձնվում կառավարության ձեռքը։ Հարց ենք տալիս, այն ժամանակվա համաձայն ի՞նչ տանջանքներ էին սպասում նրան, ի՞նչ անիվներ, ի՞նչ խարույկներ ու կրակներ։ Ուրեմն ո՞վ էր մղում նրան գնալ և մատնել իրեն։ Ինչո՞ւ ուղղակի կանգ չառներ վաթսուն թվի վրա, գաղտնիքը պահպանելով մինչև իր վերջին շունչը փչելը։ Ինչո՞ւ ուղղակի հանգիստ չթողներ վանականությանը և չապրեր ճգնավորի պես ապաշխարելով։ Վերջապես, ինչո՞ւ ինքը վանական չդառնար։ Ահա հենց այստեղ է լուծումը։ Նշանակում է, ախր մի բան կար, որ ավելի ուժեղ էր խարույկներից ու կրակներից, և նույնիսկ քսանամյա սովորությունից։ Նշանակում է, ախր, կար մի շատ ավելի ուժեղ միտք, քան բոլոր դժբախտությունները, երաշտները, խոշտանգումները և ժանտախտները, բորերը և այն ամբողջ դժոխքը, որին չէր դիմանա մարդկությունը առանց այն շաղկապող, սրտին ուղղություն տվող և կյանքի աղբյուրները բեղմնավորող մտքի։ Հապա՛ ինձ ցույց տվեք այդպիսի ուժի նման որևէ բան արատների ու երկաթուղիների մեր դարում... այսինքն՝ պետք էր ասել շոգենավերի ու երկաթուղիների մեր դարում, բայց ես ասում եմ արատների ու երկաթուղիների մեր դարում, որովհետև ես հարբած եմ, բայց արդարացի՜։ Ինձ ցույց տվեք ներկայիս մարդկությունը շաղկապող մի միտք, որը թեկուզ կիսով չափ այն ուժն ունենար, ինչպես այն հարյուրամյակներում։ Եվ համարձակվեցեք ասել, վերջապես, թե չեն թուլացել, չեն պղտորվել կյանքի աղբյուրները այդ «աստղի» ներքո, մարդկանց կաշկանդած այդ ցանցի տակ։ Եվ ինձ մի վախեցրեք ձեր բարեկեցությամբ, ձեր հարստություններով, սովի հազվադեպությամբ և հաղորդակցության ճանապարհների արագությամբ։ Հարստությունն ավելի է, բայց ուժը՝ պակաս. շաղկապող միտքը կորել է. ամեն ինչ կակղել է, ամեն ինչ մգլել է և բոլորը մգլե՜լ են։ Մենք բոլորս, բոլորս, բոլորս մգլոտե՜լ ենք... բայց բավական է և հիմա բանն այդ չէ, այլ այն, թե կարգադրություն չանե՞նք արդյոք, հարգարժան իշխան, հյուրերի համար պատրաստած խորտիկների մասին։

Լեբեդևը, որ ունկնդիրներից մի քանիսին քիչ էր մնում իսկապես զայրացներ (պետք է նկատենք, որ շշերն ամբողջ ժամանակ չէին դադարում բացվելուց), իր ճառն անսպասելիորեն եզրափակելով խորտիկների մասին արած հայտարարությամբ, անմիջապես իր հետ հաշտեցրեց բոլոր հակառակորդներին։ Նա ինքը այդպիսի եզրափակումն անվանում էր «գործի ճարպիկ, փաստաբանական ընթացք»։ Նորից ուրախ քրքիջ բարձրացավ, հյուրերն աշխուժացան, բոլորը վեր կացան սեղանի մոտից, որպեսզի մարմինները մարզեն և մի քիչ քայլեն պատշգամբում։ Միայն Կելլերն էր դժգոհ մնացել Լեբեդևի ճառից և արտակարգ հուզմունքի մեջ էր։

— Հարձակվում է լուսավորության վրա, քարոզում է տասներկուերորդ հարյուրամյակի վայրագություն, կոտրատվում է, և նույնիսկ առանց որևէ պարզասրտության, իսկ ինքը տունն ինչպե՞ս ձեռք բերեը, թույլ տվեք հարցնել,— ասում էր նա բարձրաձայն, կանգնեցնելով բոլորին և յուրաքանչյուրին։

— Ես տեսել եմ հայտնության իսկական մեկնաբանի,— ասում էր գեներալը մի ուրիշ անկյունում, այլ ունկնդիրների և, ի միջի այլոց, Պտիցինին, որին պահում էր կոճակից բռնած,— հանգուցյալ Գրիգորի Սեմյոնովիչ Բուրմիստրովին. նա, այսպես ասած, այրում էր սրտերը։ Եվ, նախ, ակնոց էր դնում, բաց էր անում մի մեծ սև կաշեկազմ հինավուրց գիրք, և, ընդսմին, ալեհեր մորուք, երկու մեդալ նվիրատվությունների համար։ Սկսում էր խստաշունչ ու խիստ, նրա առաջ խոնարհվում էին գեներալները, իսկ տիկնայք ուշագնաց էին լինում, դե, իսկ սա խորտիկներո՜վ է եզրափակում։ Ոչ մի բանի նման չէ։

Գեներալին ունկնդրող Պտիցինը ժպտում էր և կարծես պատրաստվում գլխարկը վերցնել, բայց ոնց որ սիրտ չէր անում կամ անընդհատ մոռանում էր իր մտադրությունը։ Գանյան, դեռ նախքան սեղանի առջևից վեր կկենային, հանկարծ դադարեց խմելուց և իրենից հեռացրեց բաժակը, ինչ֊որ մռայլ բան սահեց նրա դեմքով։ Երբ սեղանի առջևից վեր կացան, նա մոտեցավ Ռոգոժինին և նստեց նրա կողքին։ Կարելի էր կարծել, որ նրանք ամենամտերիմ հարաբերությունների մեջ են։ Ռոգոժինը, որ սկզբում նույնիսկ մի քանի անգամ պատրաստվում էր սուսիկ֊փուսիկ հեռանալ, հիմա նստել էր անշարժ, գլխահակ և կարծես նույնիսկ մոռացած, որ ուզում էր գնալ։ Ամբողջ երեկոյի ընթացքում նա ոչ մի կաթիլ գինի չէր խմել և շատ մտածկոտ էր, լոկ երբեմնակի բարձրանում էր աչքերը և դիտում բոլորին ու յուրաքանչյուրին։ Իսկ հիմա կարելի էր կարծել, որ նա այստեղ իր համար ինչ֊որ շատ կարևոր բանի է սպասում, և առժամանակ որոշել է չգնալ։

Իշխանը խմել էր ընդամենը երկու կամ երեք բաժակ և միայն զվարթ էր։ Սեղանի առջևից բարձրանալիս, նա հանդիպեց Եվգենի Պավլովիչի հայացքին, հիշեց իրենց մեջ կայանալիք առաջիկա բացատրության մասին և սիրալիր ժպտաց։ Եվգենի Պավլովիչը գլուխ տվեց նրան և հանկարծ ցույց տվեց Իպոլիտին, որին ուշադիր հետևում էր այդ րոպեին։ Իպոլիտը քնել էր բազմոցին մեկնված։

— Ասացեք, ինչո՞ւ է ձեզ մոտ խցկվել այս անպիտան տղան, իշխան,— ասաց նա հանկարծ այնպիսի բացահայտ վրդովմունքով, նույնիսկ չարությամբ, որ իշխանը զարմացավ։— Գրազ կգամ, որ նրա մտքում մի չար բան կա։

— Ես նկատեցի,— ասաց իշխանը,— գոնե ինձ այդպես թվաց, որ նա այսօր ձեզ չափից ավելի է հետաքրքրում, Եվգենի Պավլիչ. ճի՞շտ է։

— Եվ ավելացրեք. իմ սեփական հանգամանքներում ես ինքս էլ մտածելու շատ բան ունեմ, այնպես որ ինձ վրա զարմանում եմ, որ ամբողջ երեկո աչքս չեմ կարող կտրել այդ զզվելի երեսից։

— Նրա դեմքը գեղեցիկ է...

— Ահա, ահա, նայեցե՜ք,— ճչաց Եվգենի Պավլովիչը, քաշելով իշխանի թևից,— ահա...

Իշխանը մի անգամ էլ զարմացած նայեց Եվգենի Պավլովիչին։

V

Իպոլիտը, որ Լեբեդևի դիսերտացիայի վերջում հանկարծ քնել էր բազմոցի վրա, հիմա հանկարծ զարթնեց, կարծես թե մեկը խթել էր նրա կողքը, ցնցվեց, մի քիչ բարձրացավ տեղից, շուրջը նայեց ու գունատվեց. նույնիսկ ինչ֊որ վախով նա նայում էր շուրջը, բայց գրեթե սարսափ արտահայտվեց նրա դեմքին, երբ նա ամեն ինչ վերհիշեց ու հասկացավ։

— Ինչ է, նրանք ցրվո՞ւմ են։ Վերջացա՞վ։ Ամեն ինչ վերջացա՞վ։ Արևը ծագե՞լ է,— հարցնում էր նա տագնապած, բռնելով իշխանի ձեռքը,— ժամը քանի՞սն է։ Ի սեր աստծու, ժամը։ Ես քնով անցա։ Երկա՞ր քնեցի,— ավելացրեց նա համարյա հուսահատ տեսքով, կարծես նա մի այնպիսի բան էր քնով անցկացրել, որից առնվազն կախված էր նրա ամբողջ բախտը։

— Դուք քնել եք յոթ կամ ութ րոպե,— պատասխանեց Եվգենի Պավչովիչը։

— Ա՜... ընդամենը։ Նշանակում է ես...

Եվ նա խորունկ ու ագահ շունչ քաշեց, կարծես իր վրայից դեն գցելով մի ծանր բեռ։ Նա վերջապես գլխի րնկավ, որ ոչինչ «չի վերջացել», որ դեռ լույսը չի բացվել, որ հյուրերը սեղանի առջևից վեր են կացել միայն ուտելու համար և որ վերջացել է միայն Լեբեդևի շաղակրատանքը։ Նա ժպտաց, և թոքախտավորի կարմրությունը, երկու վառ բծով խաղաց նրա այտերին։

— Իսկ դուք նույնիսկ րոպեներն եք հաշվել, մինչ ես քնած էի, Եվգենի Պավլիչ,— վրա բերեց նա ծաղրալի,— դուք ամբողջ երեկո ինձնից չէիք կտրում ձեր հայացքը, ես տեսհում էի... Ա՜։ Ռոգոժինը։ Ես հիմա նրան երազումս տեսա,— շշնջաց նա իշխանին, խոժոռվելով ու նշանացի ցույց տալով սեղանի մոտ նստած Ռոգոժինին,— ախ, հա՜,— հանկարծ նորից խոսքը վախեց նա,— իսկ ո՞ւր է հռետորը, ո՞ւր է Լեբեդևը։ Նշանակում է, Լեբեդևը վերջացրե՞ց։ Ինչի՞ մասին էր խոսում նա։ Ճի՞շտ է, իշխան, որ մի անգամ դուք ասել եք, թե աշխարհը կփրկի «գեղեցկությունը»։ Պարոնայք,— բղավեց նա բարձր, բոլորին,— իշխանը պնդում էր, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը։ Իսկ ես պնդում եմ, որ նրա մտքերն այդպես վառվռուն են այն պատճառով, որ նա հիմա սիրահարված է։ Պարոնայք, իշխանը սիրահարված է. քիչ առաջ հենց նա ներս մտավ, ես դրանում համոզվեցի։ Մի՛ կարմրեք, իշխան, ես ձեզ կխղճամ։ Ինչպիսի՞ գեղեցկությունը կփրկի աշխարհը։ Դա ինձ Կոլյան է ասել... Դուք ջերմեռանդ քրիստոնյա՞ եք։ Կոլյան ասում է, որ դուք ձեզ քրիստոնյա եք անվանում։

Իշխանն ուշադիր դիտում էր նրան և չպատասխանեց նրա հարցերին։

— Դուք ինձ չե՞ք պատասխանում։ Գուցե կարծում եք, թե ես ձեզ շա՞տ եմ սիրում,— հանկարծ ավելացրեց Իպոլիտը, ասես կտրեց։

— Ոճ, չեմ կարծում։ Ես գիտեմ, որ դուք ինձ չեք սիրում։

— Ինչպե՜ս։ Նույնիսկ երեկվա դեպքից հետո՞։ Երեկ ես ձեզ հետ անկեղծ էի։

— Ես երեկ էլ գիտեի, որ ինձ չեք սիրում։

— Այսինքն՝ նրա համար, որ ձեզ նախանձո՞ւմ եմ, նախանձո՞ւմ եմ։ Դուք միշտ այդ մտածել եք և հիմա էլ մտածում եք, բայց... բայց ինչո՞ւ եմ ձեզ ասում այդ մասին։ Ես ուզում եմ էլի շամպայն խմել, լցրեք ինձ համար, Կելլեր։

— Ձեզ այլևս չի կարելի խմել, Իպոլիտ, չեմ տա...

Եվ իշխանը նրանից հեռացրեց բաժակը։

— Իսկապես էլ...— անմիջապես համաձայնեց Իպոլիտը, կարծես մտմտալով,— մեկ էլ տեսար, կասեն... բայց ո՞ր գրողիս է պետք, թե նրանք ինչ կասեն։ Ճիշտ չէ՞։ Ճիշտ չէ՞։ Թող հետո ինչ ուզում են ասեն, այնպես չէ՞, իշխան։ Եվ մեր բոլորի ի՞նչ գործն է, թե ինչ կլինի հետո՜... Ասենք, քունը գլխիս է։ Ի՜նչ սարսափելի երազ տեսա հիմա, նոր հիշեցի... Ձեզ այդպիսի երագներ չեմ ցանկանում, իշխան, թեև իրոք, գուցե չեմ սիրում ձեզ։ Ասենք, եթե մեկին չես սիրում, ինչո՞ւ նրան վատ բան ցանկանաս, ճիշտ չէ՞։ Այս ի՞նչ եմ հարցնում ձեզ, շարունակ հարցնում եմ։ Տվեք ինձ ձեր ձեռքը. ես ամուր կսեղմեմ, ահա այսպես... Դուք, այնուամենայնիվ, ինձ մեկնեցիք ձեր ձեռքը։ Նշանակում է, գիտե՞ք, որ ես անկեղծորեն եմ սեղմում այն... Ճիշտ որ, էլ չեմ խմի։ Ժամը քանի՞սն է։ Ասենք, հարկավոր չէ, ես գիտեմ քանիսն է։ Հասել է ժամը։ Հիմա իսկական ժամանակն է։ Այդ ինչ է, այնտեղ անկյունում ուտելի՞ք են դնում։ Նշանակում է, այս սեղանն ազա՞տ է։ Հիանալի է։ Պարոնայք, ես... սակայն այդ բոլոր պարոնները չեն էլ լսում... ես մտադիր եմ մի հոդված կարդալ, իշխան, խորտիկներն, իհարկե, ավելի հետաքրքիր են, բայց...

Եվ հանկարծ, բոլորովին անսպասելի, նա իր վերին ծոցագրպանից հանեց մեծ կարմիր կնիքով կնքած գրասենյակային չափսի մի մեծ ծրար։ Նա ծրարը դրեց սեղանին, իր առջև։

Այդ անսպասելիությունը տպավորություն գործեց հասարակության վրա, որը դրան պատրաստ չէր կամ, լավ է ասել, պատրաստ էր, բայց ոչ դրան։ Եվգենի Պավլովիչը նույնիսկ վեր թռավ իր աթոռից, Գանյան արագ մոտեցավ սեղանին, Ռոգոժինը նույնպես, բայց ինչ-որ փնթփնթան սրտնեղությամբ, կարծես հասկանալով, թե բանն ինչ է։ Մոտիկում կանգնած Լեբեդևը հետաքրքրասեր աչքերով մոտեցավ ու նայում էր ծրարին, ջանալով կռահել, թե բանն ինչ է։

— Այդ ի՞նչ է,— անհանգստացած հարցրեց իշխանը։

— Հենց որ արևի ծայրը երևա, ես կպառկեմ, իշխան, ես ասացի. ազնի՛վ խոսք, կտեսնեք,— բացականչեց Իպոլիտը, բայց... բայց... մի՞թե կարծում եք, թե ես ի վիճակի չեմ բացելու այս ծրարը,— ավելացրեց նա մարտահրավերով հայացքը հածելով շուրջը՝ բոլորի վրա և կարծես թե դիմելով անխտիր բոլորին։ Իշխանը նկատեց, որ նա ամբողջովին դողում է։

— Մեզնից ոչ մեկի մտքով էլ չի անցնում դա,— պատասխանեց իշխանը բոլորի փոխարեն,— և ինչո՞ւ եք կարծում, թե որևէ մեկը այդ կարծիքի է և այդ ինչ... ինչ տարօրինակ միտք ունեք կարդալու։ Այդ ի՞նչ բան է, Իպոլիտ։

— Այդ ի՞նչ բան է։ Էլի ի՞նչ է պատահել նրան,— հարցնում էին շուրջը։

Բոլորը մոտենում էին, ոմանք դեռևս ծամելով. կարմիր կնիքով ծրարը բոլորին մագնիսի պես ձգում էր։

— Սա երեկ ես ինքս եմ գրել, անմիջապես նրանից հետո, որ ձեզ խոսք տվեցի, որ կտեղափոխվեմ ձեզ մոտ ապրելու, իշխան։ Ես սա գրել եմ երեկ ամբողջ օրը, հետո գիշերը և վերջացրել եմ այսօր առավոտյան. գիշերը, առավոտվա կողմ, ես մի երազ տեսա...

— Ավելի լավ չի՞ վաղը,— վարանոտ ընդհատեց իշխանը։

— Վաղը «այլևս ժամանակ չի լինի»,— հիստերիկորեն քմծիծաղ տվեց Իպոլիտը։— Բայց մի անհանգստացեք։ ես կկարդամ քառասուն րոպեում, դե, մի ժամում... Եվ տեսնո՞ւմ եք, ինչպես են հետաքրքրվում բոլորը, բոլորը մոտեցել են, բոլորը նայում են իմ կնիքին, և ախր եթե հոդվածս չկնքեի ծրարի մեջ, ոչ մի տպավորություն չէր լինի։ Հա՜-հա՜։ Ահա թե ինչ է նշանակում խորհրդավորությունը։ Բացե՞մ թե ոչ, պարոնայք,— բղավեց նա, ծիծաղելով իր տարօրինակ ծիծաղով և աչքերը պսպղացնելով։ Գաղտնի՜ք է։ Գաղտնի՜ք։ Իսկ հիշո՞ւմ եք, իշխան, ով, է ազդարարել, թե «այլևս ժամանակ չի լինի»։ Դա ազդարարում է հսկա ու հզոր հրեշտակը հայտնության մեջ։

— Լավ է չկարդաք,— բացականչեց հանկարծ Եվգենի Պավլովիչը, բայց այնպիսի անսպասելի անհանգստացած տեսքով, որ շատերին դա տարօրինակ թվաց։

— Մի կարդացեք,— բղավեց նաև իշխանը, ձեռքը դնելով ծրարի վրա։

— Ի՞նչ ընթերցում, հիմա ընթրիք է։— նկատեց մեկը։

— Հոդվա՞ծ։ Ժուռնալի համա՞ր, թե ինչ,— հարցրեց մեկ ուրիշը։

— Գուցե ձանձրալի՞ է,— ավելացրեց երրորդը։

— Այդ ի՞նչ բան է այդտեղ,— հարցրին և մյուսները։ Բայց իշխանի վախեցած շարժումը կարծես վախեցրեց նաև Իպոլիտին իրեն։

— Ուրեմն... չկարդա՞մ,— շշնջաց նա իշխանին մի տեսակ վախվորած, ծամածռված ժպիտը կապտած շրթունքներին,— չկարդա՞մ,— մրթմրթաց նա հայացքը հածելով բոլոր հավաքվածների, բոլոր աչքերի ու դեմքերի վրա և կարծես նորից կառչելով բոլորից առաջվա, բոլորի վրա հարձակվող էքսպանսիվությամբ,— դուք... վախենո՞ւմ եք,— նորից դարձավ նա իշխանին։

— Ինչի՞ց,— հարցրեց սա, ավելի ու ավելի այլափոխվելով։

— Մեկնումեկը քսան կոպեկանոց ունի՞,— հանկարծ աթոռից վեր թռավ Իպոլիտը, կարծես նրան ձիգ տվին,— որևէ մետաղադրամ։

— Ահա,— անմիջապես մեկնեց Լեբեդևը. նրա գլխով մի միտք անցավ, թե հիվանդ Իպոլիտը խելագարվել է։

— Վերա Լուկիանովնա,— շտապ հրավիրեց Իպոլիտը,— վերցրեք, գցեք սեղանին. ղո՞ւշ է, թե գիր։ Ղուշ եղավ՝ կարդում եմ։

Վերան վախեցած նայեց դրամին, Իպոլիտին, հետո հորը և գլուխը մի տեսակ անհարմար վեր նետելով, կարծես այն համոզմամբ, որ իրեն պետք չէ դրամին նայել, այն նետեց սեղանին։ Ղուշը դուրս եկավ։

— Կարդալ,— շշնջաց Իպոլիտը, կարծես ճակատագրի վճռի տակ ճմլված. նա ավելի չէր գունաավի, եթե նրան մահվան դատավճիռ կարդային։— Սակայն,— ցնցվեց նա հանկարծ, մի կես րոպեաչափ լռելով,— սա ի՞նչ է։ Մի՞թե ես հիմա վիճակ կցեցի,— նույն հետապնդող անկեղծությամբ նայեց նա շուրջը բոլորին։— Բայց ախր սա զարմանալի հոգեբանական գիծ է,— գոչեց նա անկեղծորեն զարմացած դիմելով իշխանին...— Սա... սա անըմբռնելի գիծ է, իշխան,— հաստատեց նա աշխուժանալով ու կարծես թե սթափվելով,— սա դուք գրի առեք, իշխան, մտքներդ պահեք, չէ՞ որ դուք, կարծեմ, նյութեր եք հավաքում մահապատժի մասին․․․ ինձ ասել են, հա՜-հա՜։ Օ տեր իմ, ինչպիսի անիմաստ անհեթեթություն։— Նա նստեց բազմոցին, երկու արմունկով հենվեց սեղանին և գլուխը բռնեց։— Ախր սա նույնիսկ ամոթ է... Բայց ի՞նձ ինչ, թե ամոթ է,— գրեթե անմիջապես բարձրացրեց նա գլուխը։— Պարոնայք, պարոնայք, ես բացում եմ ծրարը,— ազդարարեց նա ինչ֊որ անակնկալ վճռականությամբ,— ես... ես, ի դեպ, չեմ հարկադրում լսել...

Հուզմունքից գողացող ձեռքերով նա ծրարը բացեց, այնտեղից հանեց մանր գրոտած մի քանի փոստային թղթի թերթիկ, տակը դրեց և սկսեց հարթել։

— Սա ի՞նչ է։ Ի՞նչ բան է այստեղ։ Ի՞նչ պիտի կարդան,— մռայլ մրթմրթում էին մի քանիսը, մյուսները լուռ էին։ Բայց բոլորը նստեցին և հետաքրքրությամբ նայում էին։ Գուցե իսկապես սպասում էին ինչ֊որ արտակարգ բանի։ Վերան կպել էր հոր աթոռին և վախից քիչ էր մնում լաց լիներ. գրեթե նույնպիսի վախի մեջ էր և Կոլյան։ Արդեն տեղավորված Լեբեդևը հանկարծ վեր բարձրացավ, ձեռքը գցեց մոմերին ու մոտեցրեց Իպոլիտին, որպեսզի ավելի լույս լինի կարդալու համար։

— Պարոնայք, սա... սա հիմա կտեսնեք։ թե ինչ է,— չգիտես ինչու ավելացրեց Իպոլիտը և հանկարծ սկսեց ընթերցումը,— «Անհրաժեշտ բացատրություն»։ Էպիգրաֆ՝ «Après nous le déluge!».. Թո՛ւ, գրողը տանի,— գոչեց նա կարծես այրվածք ստանալով,— մի՞թե լրջորեն ես կարող էի այսպիսի էպիգրաֆ դնել... Լսեցեք, պարոնայք... հավատացնում եմ ձեզ, որ վերջ ի վերջո այս բոլորը, գուցե, անասելի դատարկ բաներ են։ Այստեղ միայն իմ մի քանի մտքերը... եթե կարծում եք, որ այստեղ... ինչ-որ խորհրդավոր կամ... արգելված... մի խոսքով...

— Լավ կլիներ առանց նախաբանի կարդայիք,— ընդհատեց Գանյան։

— Սկսեց դեսուդեն ընկնել,— ավելացրեց մեկը։

— Շատ է խոսում,— հարեց ամբողջ ժամանակ լուռ նստած Ռոգոժինը։

Իպոլիտը հանկարծ նայեց նրան, և երբ նրանց աչքերը հանդիպեցին, Ռոգոժինը դառն ու մաղձոտ ժպտաց և դանդաղ արտասանեց տարօրինակ բառեր.

— Այդ ձևով չպետք է սարքել այդ գործը, տղա, ո՛չ այդ ձևով...

Թե ինչ էր ուզում ասել Ռոգոժինը, իհարկե, ոչ ոք չհասկացավ, բայց նրա խոսքերը բոլորի վրա բավական տարօրինակ տպավորություն գործեցին, բոլորին իր ծայրով շոշափեց մի ինլ֊որ ընդհանուր միտք։ Իսկ Իպոլիտի վրա այդ խոսքերը սարսափելի տպավորություն գործեցին. նա այնպես ցնցվեց, որ իշխանը ձեռքը մեկնեց, որ պահի նրան, և նա հավանաբար կճչար, եթե ըստ երևույթին հանկարծ ձայնը չխզվեր։ Մի ամթողջ րոպե նա չէր կարողանում բառ արտասանել և, ծանր շնչելով նայում էր Ռոգոժինին։ Վերջապեսի շնչահեղձ լինելով և արտակարգ ճիգով արտասանեց.

— Ուրեմն այդ դո՞ւք... դո՞ւք էիք... դո՞ւք։

— Ի՞նչ էի։ Ես ի՞նչ,— տարակուսանքով պատասխանեց Ռոգոժինը, բայց Իպոլիտը բռնկվելով և գրեթե կատաղությամբ, որ հանկարծակի համակեց նրան, կոպիտ ու ուժգին բղավեց.

Դուք էիք եկել ինձ մոտ անցյալ շաբաթ, գիշերը, ժամը երկուսին մոտ, այն օրը, երբ ես եկել էի ձեզ մոտ առավոտյան, դո՜ւք։ Խոստովանեցեք, դո՞ւք էիք։

— Անցյալ շաբաթ, գիշե՞րը։ Հո իսկապես խելքդ չե՞ս թռցրել, տղա։

«Տղան» վերստին մի րոպե լռեց, ցուցամատը ճակատին գնելով և կարծես մտմտալով, բայց նրա դալուկ, վախից առաջվա պես ծամածռված ժպիտի մեջ կարծես հանկարծ ինչ֊որ խորամանկ, նույնիսկ հաղթական բան երևաց։

— Այդ դուք էիք,— վերջապես կրկնեց նա, գրեթե շշուկով, բայց արտակարգ համոզվածությամբ,— դուք էիք գալիս ինձ մոտ և լուռ նստում աթոռին, լուսամուտի մոտ, մի ամբողջ ժամ, ավելի, գիշերվա ժամը մեկին ու երկուսին, դուք հետո վեր կացաք ու գնացիք ժամը երեքի կողմ... Այդ դո՛ւք էիք, դո՜ւք։ Ինչո՞ւ էիք վախեցնում ինձ, ինչո՞ւ էիք գալիս ինձ տանջելու, չեմ հասկանում, բայց այդ դո՜ւք էիք։

Եվ նրա դեմքին հանկարծ երևաց անասելի ատելություն, չնայած դեռ չէր դադարել վախից առաջացած նրա դողը։

— Դուք հիմա, պարոնայք, այդ բոլորը կիմանաք։ Ես... ես... լսեցեք...

նա նորից, և սաստիկ շտապելով, վերցրեց իր թերթիկները, դրանք ցրվել ու բաժան-բաժան էին եղել, նա ջանում էր դասավորել. թերթիկները դողում էին նրա դողդոջուն ձեռքերում. երկար ժամանակ նա չէր կարողանում հարմարվել։

Ընթերցումը, վերջապես, սկսվեց։ Սկզբում, մոտ հինգ րոպե, անսպասելի հոդվածի հեղինակը դեռ շարունակում էր շնչահեղձ լինել և կարդում էր անկապ ու անհարթ, բայց հետո նրա ձայնն ամրացավ և սկսեց լիովին արտահայտել կարդացածի իմաստը։ Միայն երբեմնակի բավական ուժեղ հազն ընդհատում էր նրան, հոդվածի կեսից սկսած նա սաստիկ խռպոտեց. կարդալու ընթացքում նրան ավելի ու ավելի տիրապետող արտակարգ ոգևորությունը, ինչպես նաև ունկնդիրների վրա թողած դրա հիվանդագին տպավորությունը վերջ ի վերջո հասավ ծայրահեղ աստիճանի։ Ահա այդ ամբողջ հոդվածը։

«Իմ անհրաժեշտ բացատրությունը»

«Après nous le déluge!»

«Երեկ առավոտ ինձ մոտ էր եկել իշխանը. ի միջի այլոց, նա ինձ համոզեց, որ տեղափոխվեմ իր ամառանոցը։ Ես այդպես էլ գիտեի, որ նա անպայման կպնդի այդ, և համոզված էի հենց ուղղակի բերնից կթռցնի, որ ամառանոցում ինձ համար «ավելի հեշտ կլինի մեռնել մարդկանց ու ծառերի մեջ», ինչպես նա է արտահայտվում։ Բայց այսօր նա չասաց մեռնել, այլ ասաց «ավելի հեշտ կլինի կյանքն անցկացնել», որը, սակայն, ինձ համար գրեթե նույնն է, իմ վիճակում։ Ես նրան հարցրի, թե ի՞նչ նկատի ունի իր անվերջ «ծառերի» տակ, և ինչո՞ւ է այդպես իմ վզին փաթաթում այդ «ծառերը», և զարմանքով իմացա նրանից, որ իբր ես ինքս եմ այն երեկո արտահայտվել, թե եկել եմ Պավլովսկ, վերջին անգամ ծառերին նայելու։ Երբ նրան ասացի, թե չէ՞ որ միևնույն է մարդ ծառերի տակ կմեռնի, թե լուսամուտից իմ աղյուսներին նայելիս, և որ երկու շաբաթվա համար կարիք չկա այդպես փափկանկատ լինել, նա անմիջապես համաձայնեց. Բայց կանաչն ու մաքուր օդը, նրա կարծիքով, անպայման իմ մեջ որևէ ֆիզիկական փուիոխություն կառաջացնեն և իմ հուզմունքը և իմ երազները կփոխվեն և, կարող է պատահել, կթեթևանան։ Ես նորից ասացի նրան ծիծաղելով, որ նա խոսում է որպես մատերիալիստ։ Նա ինձ պատասխանեց իր ժպիտով, որ ինքը միշտ էլ մատերիալիստ է եղել։ Քանի որ նա երբեք չի ստում, այդ խոսքերը ինչ֊որ բան նշանակում են։ Նրա ժպիտը լավն է. ես հիմա ավելի ուշադիր դիտեցի նրան. ես չգիտեմ, հիմա սիրո՞ւմ եմ, թե չեմ սիրում նրան, հիմա ժամանակ չունեմ դրա հետևից ընկնելու։ Պետք է նշել, որ իմ հինգամսյա ատելությունը դեպի նա, վերջին ամիսն սկսել է բոլորովին հանդարտվել։ Ով գիտի, գուցե ես Պավլովսկ էի գալիս, գլխավորը, նրան տեսնելու համար։ Բայց... ինչո՞ւ էի լքում այն ժամանակ իմ սենյակը։ Մահվան դատապարտվածը չպետք է լքի իր անկյունը. և եթե հիմա վերջնական վճիռ ընդունած չլինեի, այլ ընդհակառակը, որոշած լինեի սպասել մինչև վերջին ժամը, ապա իհարկե, ոչ մի դեպքում, չէի թողնի իմ սենյակը և չէի ընդունի նրա առաջարկը՝ նրա մոտ Պավլովսկ տեղախոխվել «մահանալու»։

Ես պետք է շտապեմ անպայման մինչև վաղն ավարտելու այս «բացատրությունը»։ Նշանակում է ես ժամանակ չեմ ունենա վերընթերցելու և ուղղելու. կվերընթերցեմ վաղը, երբ կարդալու կլինեմ իշխանին ու մի երկու վկայի, որոնց մտադիր եմ գտնել նրա մոտ։ Քանի որ այստեղ ոչ մի հատիկ սուտ բառ չի լինի, այլ ամբողջը միայն ճշմարտություն, վերջին և հանդիսավոր, ապա ինձ համար վաղօրոք հետաքրքիր է, թե դա ինչ տպավորություն կթողնի հենց ինձ վրա այն ժամին ու այն րոպեին, երբ վերընթերցելիս կլինեմ։ Ասենք, ես իզուր գրեցի «վերջին և հանդիսավոր ճշմարտությունը» բառերը, երկու շաբաթվա համար առանց այն էլ չարժի ստել, որովհետև երկու շաբաթ ապրել չարժի, դա լավագույն ապացույցն է, որ ես լոկ ճշմարտությունը կգրեմ։ (NB։ Չմոռանամ այս միտքը. արդյոք այս րոպեիս խելագար չե՞մ ես, այսինքն՝ որոշ րոպեներ։ Ինձ հաստատապես ասել են, որ վերջին աստիճանի թոքախտավորները երբեմն առժամանակ խելագարվում են։ Սա ստուգել վաղը ընթերցելիս, ունկնդիրների վրա թողած տպավորությամբ։ Այս հարցն անպայման լուծել լիակատար ստուգությամբ, այլ կերպ չի կարելի ոչ մի բանի ձեռնարկել։

Ինձ թվում է, ես հիմա գրեցի սարսափելի հիմարություն. բայց ասացի, որ ուղղելու ժամանակ չունեմ, բացի այդ, ես ինձ խոսք եմ տալիս այս ձեռագրի մեջ դիտմամբ ոչ մի տող չուղղել, եթե ինքս էլ նկատելու լինեմ, որ ամեն հինգ տողը մեկ ինքս ինձ հակասում եմ։ Ես հենց ուզում եմ վաղը ընթերցման ժամանակ որոշել, թե արդյոք ճի՞շտ է իմ մտքի տրամաբանական ընթացքը, արդյոք նկատո՞ւմ եմ իմ սխալները, և նշանակում է, արդյոք ճի՞շտ է այն ամենը, որ ես այս սենյակում մտորել եմ այս վեց ամիսը, թե լոկ զառանցանք է։

Եթե դեռ երկու ամիս առաջ ես առիթ ունենայի, ինչպես հիմա, բոլորովին թողնել սենյակս և հրաժեշտ տալ Մեյերի պատին, ապա, համոզված եմ, կտխրեի։ Այնինչ հիմա, ոչինչ չեմ զգում, մինչդեռ վաղը թողնում եմ թե սենյակը, թե պատը, առհավե՜տ։ Նշանակում է իմ համոզմունքը, թե երկու շաբաթվա համար արդեն չարժե ափսոսալ կամ անձնատուր լինել որևէ զգացողությունների, հաղթահարել է իմ բնությունը և արդեն կարող է հրամայել իմ բոլոր զգացմունքներին։ Բայց արդյոք ճի՞շտ է սա։ Արդյոք ճի՞շտ է, որ հիմա իմ բնությունը բոլորովին հաղթված է։ Եթե հիմա ինձ սկսեին խոշտանգել, հավանաբար ես սկսեի բղավել ու չէի ասի, թե չարժի բղավել ու ցավ զգալ, որովհետև ընդամենը երկու շաբաթ է մնացել ապրելու։

Բայց արդյոք ճի՞շտ է այն, որ ինձ միայն երկու շաբաթ է մնացել ապրելու, և ոչ թե ավելի։ Այն ժամանակ Պավլովսկում ես ստեցի. Բ֊ն ինձ ոչինչ չէր ասել և երբեք չէր տեսել ինձ. բայց մոտ մի շաբաթ առաջ ինձ մոտ էին բերել ուսանող Կիսլորոդովին, իր համոզմունքներով նա մատերիալիստ է, աթեիստ ու նիհիլիստ, ահա թե ինչու ես հենց նրան կանչեցի. ինձ հարկավոր էր մի մարդ, որ վերջապես ինձ մերկ ճշմարտությունն ասեր, առանց քնքշությունների ու փափկանկատության։ Նա այդպես էլ արավ, և ոչ միայն պատրաստակամությամբ ու առանց փափկանկատության, այլ նույնիսկ ակներև բավականությամբ (որը, իմ կարծիքով արդեն ավելորդ էր)։ Նա ուղղակի երեսիս շրխկացրեց, թե ինձ մնացել է մոտ մի ամիս, կարող է պատահել, մի քիչ ավելի, եթե լավ հանգամանքներ լինեն, բայց, կարող է պատահել, որ նույնիսկ շատ ավելի շուտ մեռնեմ։ Նրա կարծիքով, ես կարող եմ մեռնել նաև հանկարծակի, նույնիսկ, օրինակ, վաղը. այդպիսի փաստեր եղել են, և ընդամենը երեք օր առաջ մի երիտասարդ տիկին, թոքախտավոր և նույն վիճակում, ինչպես իմն է, Կոլոմնայում, պատրաստվում էր շուկա գնալ մթերքներ գնելու, բայց հանկարծ իրեն վատ է զգացել, պառկել է բազմոցին, հոգոց հանել ու մեռել։ Այդ բոլորը Կիսլորոդովն ինձ հայտնեց նույնիսկ անզգայության ու անզգուշության որոշ պճնամոլությամբ, և կարծես թե դրանով ինձ պատիվ էր անում, այսինքն՝ դրանով ցույց էր տալիս, որ ինձ ընդունում է որպես նույնպիսի ամեն ինչ ժխտող բարձրագույն էակ, ինչպիսին նա ինքն է, որի համար, հասկանալի է, մեռնելը ոչինչ չարժե։ Վերջ ի վերջո համենայն դեպս որոշված փաստ է՝ մի ամիս և բոլորովին ոչ ավելի։ Որ նա չի սխալվել դրանում, ես միանգամայն համոզված եմ։

Ինձ շատ զարմացրեը, թե իշխանը այն ժամանակ ինչի՞ց հասկացավ այդպես, որ ես «վատ երազներ» եմ տեսնում. նա տառացիորեն ասաց, որ Պավլովսկում «իմ հուզմունքն ու երազները» կփոխվեն։ Եվ այդ ինչո՞ւ երազները։ Նա կամ բժիշկ է, կամ իրոք արտասովոր խելքի տեր և կարողանում է շատ բաներ կռահել։ (Բայց որ նա վերջ ի վերջո «ապուշ» է, դրանում ոչ մի կասկած)։ Հակառակի պես, նրա գնալուց անմիջապես առաջ ես մի լավիկ երազ էի տեսել (ի դեպ, այնպիսիներից, որոնք հիմա ես տեսնում եմ հարյուրներով)։ Ես քնեցի,— կարծում եմ, նրա գալուց մի ժամ առաջ,— և տեսա, որ մի սենյակում եմ (բայց ոչ իմ)։ Սենյակը իմից մեծ ու բարձր էր, ավելի լավ կահավորված, լուսավոր, պահարան, կոմոդ, բազմոց և իմ մահճակալը, մեծ ու լայն, ծածկված կանաչ մետաքսե թափկարած վերմակով։ Բայց այդ սենյակում ես տեսա մի սարսափելի կենդանի, ինչ-որ հրեշ։ Նա նման էր կարիճի, բայց կարիճ չէր, այլ ավելի նողկալի և շատ ավելի սարսափելի, և, կարծես, հենց նրանով, որ բնության մեջ այդպիսի կենդանիներ չկան, և որ դա դիտմամբ էր հայտնվել ինձ մոտ, և որ իբր թե դրանում ինչ-որ գաղտնիք կար։ Ես նրան շատ լավ կարողացա տեսնել, նա դարչնագույն է և պատենավոր, մոտ չորս վերջոկ երկարությամբ սողուն, գլխի կողմում երկու մատի հաստությամբ, պոչի կողմում աստիճանաբար բարակում է, այնպես որ պոչի բուն ծայրը վերջոկի մեկ տասներորդականից ավելի հաստ չէ։ Գլխից մի վերջոկ ցած, քառասունհինգ աստիճանի անկյան տակ իրանից դուրս են դալիս երկու թաթ, ամեն կողմից մեկական, մոտ երկուական վերջոկ երկարությամբ, այնպես որ ամբողջ կենդանին, եթե վերևից նայելու լինես, պատկերացնում է եռաժանիի նման մի բան։ Գլուխը լավ չկարողացա տեսնել, բայց տեսա երկու բեղիկ, ոչ երկար, երկու ամուր, ասեղի նման, նույնպես դարչնագույն։ Նույնպիսի երկու բեղիկ պոչի ծայրին և երկու թաթերից յուրաքանչյուրի ծայրին, ընդամենը, նշանակում է, ութ բեղիկ։ Կենդանին շատ արագ վազվզում էր սենյակում, հենվելով թաթերին ու պոչին, և երբ վազում էր, ապա թե՛ իրանը, թե՛ թաթերը օձիկների պես գալարվում էին, արտասովոր արագությամբ, չնայած պատյանին, և շատ զզվելի էր դրան նայելը։ Ես շատ էի վախենում, որ նա ինձ կխայթի, ինձ ասել էին, որ դա թունավոր է, բայց ամենից շատ ես տանջվում էի նրանից, թե ո՞վ էր դրան ուղարկել իմ սենյակը, ինձ ի՞նչ են ուզում անել և այստեղ ինչումն է գաղտնիքը։ Կենդանին թաքնվում էր կոմոդի տակ, պահարանի տակ, սողում էր անկյունները։ Ես աթոռին նստեցի ոտներս վեր քաշած և ծալապատիկ։ Նա շեղակի կտրեց անցավ ամբողջ սենյակը և անհայտացավ ուր֊որ իմ աթոռի մոտերքը։ Ես սարսափած շուրջս էի նայում, բայց քանի որ նստած էի ոտներս տակս դրած, հույս ունեի, որ նա սողալով չի բարձրանա աթոռին։ Հանկարծ հետևից համարյա գլխիս մոտ լսեցի ինչ-որ ճարճատող շրշյուն. ես շուռ եկա և տեսա, որ զեռունը սողում է պատով և հավասարվել է գլխիս և նույնիսկ քսվում է մազերիս իր պոչով, որն արտակարգ արագությամբ պտտվում ու գալարվում էր։ Ես վեր թռա, չքացավ և կենդանին։ Ես վախենում էի մահճակալին պառկել, որ նա էլ բարձիս տակ չսողա։ Սենյակ եկան մայրս և նրա ինչ-որ մի ծանոթը։ Նրանք սկսեցին որսալ սողունին, բայց ավելի հանգիստ էին, քան ես, և նույնիսկ չէի վախենում։ Բայց նրանք ոչինչ չէին հասկանում։ Հանկարծ զեռունը նորից դուրս սողաց. նա այս անգամ սողում էր շատ կամացուկ և կարծես թե ինչ-որ հատուկ մտադրությամբ, դանդաղ գալարվելով, որն ավելի նողկալի էր, նորից շեղակի կտրելով սենյակը, դեպի դուռը։ Այստեղ մայրս դուռը բացեց ու կանչեց Նորմային՝ մեր շանը, որ մի հսկա տերնյոֆ է, սև ու փրչոտ, հինգ տարի առաջ սատկել է։ Նա սենյակ նետվեց և քարացած կանգնեց սողունի վերև։ Կանգ առավ և սողունը, բայց դեռ շարունակելով գալարվել և թաթերի ու պոչի ծայրով հատակը մտրակել։ Եթե չեմ սխալվում, կենդանիները չեն կարող միստիկական սարսափ զգալ. բայց այդ րոպեին ինձ թվաց, որ Նորմայի սարսափի մեջ ինչ-որ շատ արտասովոր բան կար, կարծես թե նույնպես գրեթե միստիկական, և որ նա, նշանակում է, նույնպես նախազգում էր, ինչպես ես, որ գազանի մեջ մի ճակատագրական բան կա և ինչ֊որ գաղտնիք։ Նա դանդաղ ետ֊ետ էր քաշվում սողունի առջևից, որը կամացուկ ու դանդաղ սողում էր դեպի Նորման. նա կարծես ուզում էր հանղարծ նետվել նրա վրա ու խայթել։ Բայց, չնայած իր ամբողջ վախին, Նորման նայում էր սաստիկ չարացած, թեև ամբողջ մարմնով դողում էր։ Հանկարծ նա դանդաղ ցցեց իր արսափելի ատամները, բացեց իր ամբողջ հսկայական երախը, հարմարվեց, հնարք գտավ, վճռեց և հանկարծ ատամներով բռնեց սողունին։ Ըստ երևույթին սողունը սաստիկ ցնցվեց, որպեսզի դուրս պրծնի, այնպես որ Նորման մի անգամ էլ բռնեց նրան արդեն օդի մեջ և երկու անգամ ամբողջ երախով ներս քաշեց իր մեջ, շարունակ օդի մեջ, ասես կուլ տալիս լիներ. պատյանը ճրթճրթաց նրա ատամների տակ. կենդանու պոչուկն ու թաթերը, որ դուրս էին եկել Նորմայի երախից, սարսափելի արագությամբ շարժվում էին։ Հանկարծ Նորման խղճալի վնգստաց. սողունը համենայն դեպս հասցրել էր խայթել նրա լեզուն։ Վնգստոցով ու ոռնոցով Նորման ցավից բացեց բերանը, և ես տեսա, որ կրծոտած սողունը դեռ լայնակի շարժվում էր նրա բերանում, իր կիսաճղմված մարմնից նրա լեզվի վրա բաց թողնելով ճզմված սև ուտիճի հյութի նման մեծ քանակությամբ սպիտակ հյութ... Ես այստեղ զարթնեցի, և ներս մտավ իշխանը»։

— Պարոնայք,— ասաց Իպոլիտը, հանկարծ ընդհատելով կարդալը և նույնիսկ համարյա ամաչած,— ես չեմ վերընթերցել, բայց կարծես, իրոք շատ ավելորդ բաներ եմ գրել։ Այս երազը...

— Ճիշտ որ կան,— շտապեց վրա բերել Գանյան։

— Այստեղ չափազանց շատ անձնական բաներ կան, համաձայն եմ, այսինքն, իսկապես ասած, իմ մասին...

Այս ասելիս Իպոլիտը հոգնած ու թուլացած տեսք ուներ և թաշկինակով սրբում էր ճակատի քրտինքը։

— Այո֊ո, չափից ավելի եք հետաքրքրվում սեփական անձով,— ֆշշացրեց Լեբեդևը։

— Ես, պարոնայք, ոչ ոքի չեմ հարկադրում, դարձյալ կրկնում եմ, ով չի ուզում, կարող է հեռանալ։

— Վռնդում է... ուրիշի տնից,— հազիվ լսելի փնթփընթաց Ռոգոժինը։

— Իսկ եթե հանկարծ բոլորս վեր կենանք ու գնա՞նք,— անակնկալ ասաց Ֆերդիշչենկոն, որն, ի դեպ, մինչև հիմա չէր համարձակվում բարձրաձայն խոսել։

Իպոլիտը հանկարծ աչքերը խոնարհեց ու կառչեց ձեռագրից. բայց նույն վայրկյանին նորից գլուխը բարձրացրեց և, աչքերը փայլեցնելով, այտերին երկու բոսորագույն բիծ, շեշտակի նայելով Ֆերդիշչենկոյին, ասաց.

— Դուք ինձ բոլորովի՜ն չեք սիրում։

Լսվեց ծիծաղ, բայց մեծ մասը չէր ծիծաղում։ Իպոլիտը սաստիկ կարմրեց։

— Իպոլիտ,— ասաց իշխանը,— ծածկեք ձեր ձեռագիրը և տվեք ինձ, իսկ ինքներդ պառկեցեք քնելու այստեղ, իմ սենյակում։ Մենք կզրուցենք քնելուց առաջ և վաղը. բայց պայմանով, որ այլևս երբեք բաց չանեք այս թերթերը։ Ուզո՞ւմ եք։

— Մի՞թե դա հնարավոր է,— նրան նայեց Իպոլիտը ուղղակի զարմացած։— Պարոնա՛յք,— բղավեց նա, վերստին տենդոտ աշխուժությամբ,— հիմար միջադեպ, որում ես չկարողացա ինձ պահել ինչպես հարկն է։ Այլևս չեմ ընդհատի ընթերցումը։ Ով ուզում է լսել, թող լսի...

Նա արագ մի կում ջուր խմեց բաժակից, արմունկները արագ հենեց սեղանին, որպեսզի թաքնվի հայացքներից, և համառորեն շարունակեց ընթերցումը։ Ասենք, ամոթը շուտով անցավ...

«Այն միտքը (շարունակեց նա կարդալ), թե չարժե ապրել մի քանի շաբաթ, իսկապես ինձ համակեց, կարծում եմ, մոտ մի ամիս առաջ, երբ դեռ ինձ մնում էր ապրելու չորս շաբաթ, բայց բոլորովին տիրապետեց ինձ ընդամենը երեք օր առաջ, երբ վերադարձա Պավլովսկի այն երեկոյից հետո։ Այդ մտքով լիովին, անմիջականորեն տոգորվելու առաջին պահը տեղի ունեցավ իշխանի պատշգամբում, հենց այն ակնթարթին, երբ մտածեցի կյանքի վերջին փորձն անել, ուզում էի տեսնել մարդկանց ու ծառերը (թող դա ես ինքս ասած լինեմ), տաքանում էի, պնդում Բուրդովսկու, «իմ մերձավորի», իրավունքը, և երազում էի, թե նրանք բոլորը հանկարծ բաց կանեն թևերը և ինձ կընդունեն իրենց գիրկը, և ինչ-որ բանի համար ինձնից ներողություն կխնդրեն, իսկ ես՝ նրանցից. մի խոսքով, ես վերջացրի ապաշնորհ հիմարի պես։ Եվ ահա հենց այն ժամերին էլ իմ մեջ բռնկվեց «վերջին համոզմունքը»։ Հիմա զարմանում եմ, թե ինչպես կարող էի ամբողջ վեց ամիս ապրել առանց այդ «համոզմունքի»։ Ես հաստատ գիտեի, որ թոքախտ ունեմ, և անբուժելի, ես ինձ չէի խաբում և պարզ հասկանում էի բանը։ Բայց որքան ավելի պարզ էի հասկանում, այնքան ավելի տենդագին ուզում էի ապրել. ես կառչում էի կյանքից և ուզում էի ապրել ինչ գնով ուզում է լինի։ Համաձայն եմ, որ այն ժամանակ ես կարող էի չարանալ խավար ու խուլ վիճակի վրա, որը կարգադրել էր ինձ ճանճի պես ճզմել և, իհարկե, չիմանալով, թե ինչու. բայը ինչո՞ւ ես բանը չվերջացրի միայն չարությամբ։ Ինչո՞ւ իսկապես սկսում էի ապրել, գիտենալով, որ ես արդեն չեմ կարող սկսել, փորձում էի, գիտենալով, որ արդեն փորձելու բան չունեմ։ Այնինչ ես արդեն նույնիսկ գիրք կարդալ չէի կարող և դադարեցի կարդալուց. ի՞նչ կարիք կա կարդալ, ի՞նչ կարիք կա իմանալ վեց ամսվա համար։ Այդ միտքը հաճախ ինձ հարկադրում էր գիրքը մի կողմ նետել։

Այո, Մեյերի այդ պատը շա՜տ բան կարող է պատմել։ Շատ բան եմ գրանցել նրա վրա։ Չկար մի բիծ այդ կեղտոտ պատի վրա, որն անգիր չիմանայի։ Անիծյա՜լ պատ։ Բայց և այնպես այդ ինձ համար ավելի թանկ է Պավլովսկի բոլոր ծառերից, այսինքն՝ պետք է որ ամեն ինչից թանկ լիներ, եթե հիմա միևնույն չլիներ ինձ համար։

Մտաբերում եմ հիմա, թե այն ժամանակ ինչպիսի ագահ հետաքրքրությամբ սկսեցի հետևել նրանց կյանքին. այդպիսի հետաքրքրություն առաջ չէր լինում։ Ես անհամբերությամբ, երբեմն նախատինքով սպասում էի Կոլյային, երբ ինքս այնքան հիվանդ էի լինում, որ սենյակից չէի կարողանում դուրս գալ։ Ես այն աստիճան թափանցում էի բոլոր մանրուքների մեջ, հետաքրքրվում բոլոր լուրերով, որ կարծեմ, բամբասող դարձա։ Օրինակ, ես չէի հասկանում, թե ինչպես այդ մարդիկ, այդքան կյանք ունենալով, չեն կարողանում հարուստ դառնալ (ասենք, հիմա էլ չեմ հասկանում)։ Ես ճանաչում էի մի աղքատի, որի մասին ինձ հետո պատմում էին, որ նա քաղցից մեռավ, և, հիշում եմ, դա ինձ հավասարակշռությունից հանեց, եթե կարելի լիներ այդ աղքատին կենդանացնել, կարծում եմ, նրան մահապատժի կենթարկեի։ Երբեմն ամբողջ շաբաթներով վիճակս թեթևանում էր, և ես կարող էի փողոց դուրս գալ, բայց վերջապես փողոցն սկսեց իմ մեջ այնպիսի չարություն առաջացնել, որ ես դիտմամբ ամբողջ օրերով նստում էի փակված, թեև կարող էի դուրս գալ, ինչպես և բոլորը։ Ես տանել չէի կարող այդ վազվզող, աճապարող, շարունակ մտահոգ, մռայլ ու անհանգստացած ժողովուրդը, որն իմ մոտով այս ու այն կողմ էր գնում մայթերով։ Ինչի՞ համար են նրանց մշտական տխրությունը, մշտական տագնապն ու իրարանցումը. նրանց մշտական մռայլ չարությունը (որովհետև նրանք չա՛ր են, չա՛ր, չա՛ր)։ Ո՞վ է մեղավոր, որ նրանք դժբախտ են և ապրել չեն իմանում, իրենց առջևում ունենալով վաթսունական տարի կյանք։ Ինչո՞ւ Զարնիցինը իրեն թույլ ավեց քաղցից մեռնել, իր աոջևում ունենալով վաթսուն տարի։ Եվ ամեն մեկը ցույց է տալիս իր ցնցոտին, իր բանվորական ձեռքերը, չարանում է ու բղավում. «Մենք եզան պես աշխատում ենք, մենք չարչարվում ենք, մենք շան պես քաղցած ենք ու աղքա՜տ։ Ուրիշները ոչ աշխատում են, ոչ չարչարվում, բայց նրանք հարո՜ւստ են»։ (Հավիտենակա՜ն կրկներգ)։ Նրանց հետ կողք֊կողքի առավոտից մինչև գիշեր վազվզում ու իրար է անցնում դժբախտ ճլեզի մեկը «ազնվածիններից», Իվան Ֆոմիչ Սուրիկովը, մեր տանը, մեր վերևն է ապրում, միշտ արմունկները քրքրված, կոճակները պոկոտված, զանազան մարդկանց մոտ մանր գործեր է կատարում որևէ մեկի հանձնարարությամբ, և այն էլ առավոտից մինչև գիշեր։ Խոսքի բռնվեցեք նրա հետ՝ «աղքատ է, չքավոր ու չունևոր, կինը մեռել է, դեղ գնելու փող չի եղել, իսկ ձմեռը սառեցրել են երխային. մեծ աղջիկը պահանույշ է դարձել...» — շարունակ նվնվում է, շարունակ լա՜ց ՛է լինում։ Օ, ոչ մի, ոչ մի խղճահարություն չի եղել մեջս դեպի այդ հիմարները, ոչ հիմա, ոչ առաջ, ես դա հպարտությամբ եմ ասում։ Իսկ ինչո՞ւ նա ինքը Ռոտշիլդ չի։ Ո՞վ է մեղավոր, որ նա Ռոտշիլդի պես միլիոններ չունի, որ նա ոսկե իմպերիալների ու նապոլեոնդորների սար չունի, այնպիսի սար, ճիշտ նույնպիսի բարձր սար, ինչպես լինում է բարեկենդանին բալագաններում։ Եթե նա ապրում է, նշանակում է ամեն ինչ իր ձեռքին է։ Ո՞վ է մեղավոր, որ նա այդ բանը չի հասկանում։

Օ, հիմա արդեն ինձ համար միևնույն է, հիմա արդեն ես ժամանակ չունեմ չարանալու, բայց այն ժամանակ, այն ժամանակ, կրկնում եմ, կատաղությունից ես գիշերները տառացիորեն կրծում էի բարձս և պատառոտում վերմակս։ Օ, ինչպե՜ս երազում էի այն ժամանակ, ինչպես ուզում էի, ինչպես դիտմամբ ուզում էի, որ ինձ, տասնութամյա պատանուս՝ հազիվ հագնված, հազիվ մերկությունս ծածկած, հանկարծ փողոց վռնդեին և թողնեին բոլորովին մենակ, առանց բնակարանի, առանց աշխատանքի, առանց մի կտոր հացի, առանց ազգականների, առանց մի հատիկ ծանոթ մարդու՝ վիթխարի քաղաքում, քաղցած, ծեծված (ավելի՜ լավ), բայց առողջ, և այդտեղ ես ցույց կտայի...

Ի՞նչ ցույց կտայի։

Օ, մի՞թե կարծում եք, որ ես չգիտեմ, թե առանց այդ էլ արդեն ինչպես ստորացրի ինքս ինձ իմ «բացատրությամբ»։ Դե ո՞վ չի համարի ինձ կյանքը չճանաչող մի ճլեզ, մոռանալով, որ ես արդեն տասնութ տարեկան չեմ. մոռանալով, որ ապրել այնպես, ինչպես ես եմ ապրել այս վեց ամիսը, նշանակում է ծերության հասնել։ Բայց թող ծիծաղեն ու ասեն, թե այս բոլորը հեքիաթներ են։ Ես իրոք էլ ինձ հեքիաթներ էի պատմում։ Ես դրանցով լցնում էի իմ ողջ գիշերը։ Ես հիմա դրանք բոլորը հիշում եմ։

Բայը մի՞թե հիմա պիտի վերապատմեմ դրանք, հիմա, երբ արդեն ինձ համար էլ անցել է հեքիաթների ժամանակը։ Եվ ո՞ւմ պատմեմ։ Չէ՞ որ դրանցով ես զվարճանում էի այն ժամանակ, երբ պարզ տեսնում էի, որ ինձ արգելվում է ուսումնասիրել նույնիսկ հունական քերականությունը, և հենց այդ ժամանակ մտքովս անցավ «դեռ շարահյուսությանը չհասած՝ կմեռնեմ», մտածեցի ես առաջին էջից և գիրքը նետեցի սեղանի տակ։ Նա հիմա էլ այնտեղ ընկած է։ Ես Մատրյոնային արգելել եմ վերցնել։

Թող նա, ում ձեռքը կընկնի «Բացատրությունս», և ով համ թերություն կունենա կարդալու, ինձ համարի խելագար, կամ նույնիսկ գիմնազիստ, իսկ ամենից ճիշտը՝ մահվան դատապարտված, որին սկսել են բնական թվալ, որ բացի իրենից, բոլոր մարդիկ չափազանց քիչ են արժեք տալիս կյանքին, սովորություն են դարձրել չափազանց էժան վատնել այն, չափազանց ծուլորեն, չափազանց անխղճորեն են օգտվում նրանից, և ուրեմն, բոլորը մինչև վերջինը արժանի չեն դրան։ Եվ ի՞նչ։ Ես հայտարարում եմ, որ իմ ընթերցողը կսխալվի և որ իմ համոզմունքը բոլորովին անկախ է իմ մահապարտությունից։ Հարցրեք, հարցրեք նրանց միայն, թե նրանք բոլորը մինչև վերջինը ինչպես են հասկանում, թե ինչո՞ւմն է երջանկությունը։ Օ, համոզված եղեք, որ Կոլումբոսը երջանիկ էր ոչ այն ժամանակ, երբ հայտնագործեց Ամերիկան, այլ երբ հայտնագործում էր այն. համոզված եղեք, որ նրա երջանկության ամենաբարձր պահը, կարող է պատահել, նոր աշխարհը հայանագործելուց երեք օր առաջ էր, երբ խռովություն բարձրացրած անձնակազմը հուսահատության գիրկն ընկած, քիչ էր մնում նավը ետ շրջեր դեպի Եվրոպա։ Բանն այստեղ Նոր Աշխարհը չէ, թեկուզ նա կործանվելու լիներ։ Կոլումբոսը մեռավ, համարյա առանց տեսնելու այն և ըստ էության չիմանալով, թե ինչ է հայտնագործել ինքը։ Բանը կյանքն է, միայն կյանքը, նրա հայտնագործման անընդհատ ու մշտական պրոցեսը և բոլորովին էլ ոչ բուն հայտնագործումը։ Բայց ի՜նչ ասեմ։ Ես կասկածում եմ, որ այն ամենը, ինչ հիմա ասում եմ, այնպես նման է ամենաընդհանուր ֆրազների, որ հավանաբար ինձ կհամարեն «արևի ծագման» մասին իր շարադրությունը ներկայացնող ստորին դասարանի աշակերտ կամ կասեն, որ ես գուցե և ուզում էի ինչ-որ բան ասել, բայց իմ ամբողջ ցանկությամբ հանդերձ չեմ կարողացել... «ծավալվել»։ Սակայն, ավելացնեմ, որ որևէ մեկի գլխում ծագած մարդկային ամեն մի հանճարեղ կամ նոր մտքի մեջ, կամ նույնիսկ ուղղակի ամեն մի լուրջ մարդկային մտքի մեջ, միշտ մնում է մի այնպիսի բան, որը ոչ մի կերպ չի կարելի հաղորդել ուրիշ մարդկանց, թեկուզև գրելու լինեիք ամբողջ հատորներ և ձեր միտքը բացատրեիք երեսունհինգ տարի, միշտ կմնա մի բան, որը ոչ մի գնով չի ուզենա դուրս գալ ձեր գանգի տակից և առհավետ կմնա ձեզ մոտ. դրա հետ էլ կմեռնեք, առանց որևէ մեկին հաղորդելու ձեր մտքում եղածից, գուցե, ամենակարևորը։ Բայց եթե հիմա ես էլ չկարողացա հաղորդել այն ամենը, ինչ ինձ տանջել է այս վեց ամիսը, ապա գոնե կհասկանան, որ հասնելով իմ այժմյան «վերջին համոզմունքին», թերևս ես շատ թանկ եմ վճարել դրա համար, ահա հենց այս էի անհրաժեշտ համարում, ինձ հայտնի նպատակների համար, ի ցույց հանել իմ «բացատրության» մեջ։

Սակայն շարունակում եմ»։

VI

«Չեմ ուզում ստել. այս վեց ամսում իրականությունը ինձ էլ իր ճանկն էր գցում և երբեմն այն աստիճան հափշտակում, որ ես մոռանում էի իմ դատավճռի մասին կամ, ավելի ճիշտ, չէի ուզում դրա մասին մտածել և նույնիսկ գործեր էի անում։ Ի դեպ, այն ժամանակվա իմ հանգամանքների մասին, երբ մոտ ութ ամիս առաջ ես արդեն շատ հիվանդ էի, ապա դադարեցրի իմ բոլոր հարաբերությունները և թողեցի իմ բոլոր նախկին ընկերներին։ Քանի որ ես միշտ էլ բավական մռայլ մարդ եմ եղել, ապա ընկերներս հեշտությամբ մոռացան ինձ. իհարկե, նրանք ինձ կմոռանային նաև առանց այդ հանգամանքի։ Տանը, այսինքն՝ «ընտանիքում», ես նույնպես մեկուսացած վիճակում էի։ Մոտ հինգ ամիս աոաջ ես մեկընդմիշտ ներսից փակվեցի և ինձ բոլորովին բաժանեցի ընտանիքի սենյակներից։ Ինձ միշտ հնազանդվում էին, և ոչ ոք չէր համարձակվում մտնել ինձ մոտ, բացի որոշակի ժամից, սենյակը հավաքելու և ինձ ճաշ բերելու։ Մայրս դողում էր իմ հրամանների առաջ և նույնիսկ չէր համարձակվում իմ ներկայությամբ նվնվալ, երբ երբեմն որոշում էի նրան ներս թողնել մոտս։ Իմ պատճառով միշտ ծեծում էր երեխաներին, որպեսզի չաղմկեին և ինձ չանհանգստացնեին. ես շատ հաճախ էի գանգատվում նրանց աղմուկից. հենց այդ է, որ երևի, հիմա սիրո՜ւմ են ինձ։ «Հավատարիմ Կոլյային», ինչպես կոչել եմ նրան, կարծում եմ, նույնպես կարգին տանջել եմ։ Վերջին ժամանակ նա էլ ինձ է տանջել. այդ բոլորը բնական է եղել, մարդիկ հենց ստեղծված են, որ իրար տանջեն։ Բայց ես նկատել եմ, որ նա իմ գրգռվածությունը հանդուրժում է այնպես, կարծես նախօրոք խոսք է տվել խնայել հիվանդին։ Բնական է, դա ինձ գրգռում էր, բայց, կարծես, նրա խելքին փչել է «քրիստոնեական խոնարհությամբ» ընդօրինակել իշխանին, որը արդեն մի քիչ ծիծաղելի էր։ Նա ջահել ու տաքարյուն տղա է և, իհարկե, ամեն ինչ ընդօրինակում է, բայց երբեմն ինձ թվում էր, թե ժամանակն է, որ նա իր խելքով ապրի։ Ես նրան շատ եմ սիրում։ Ես տանջում էի նաև մեր վերևում ապրող և առավոտից մինչև գիշեր ուրիշների հանձնարարությամբ դեսուդեն վազվզող Սուրիկովին. ես շարունակ ապացուցում էի նրան, որ նա ինքն է մեղավոր իր աղքատության համար, այնպես որ նա վերջապես վախեցավ և դադարեց ինձ մոտ գալուց։ Նա շատ հեզ մարդ է, հեզագույն արարած (NB։ Ասում են, խոնարհությունը անասելի ուժ է, այդ մասին պետք է իմանալ իշխանից, դա նրա սեփական արտահայտությունն է), բայց երբ ես, մարտ ամսին, վերև բարձրացա նրա մոտ, որպեսզի, նրա խոսքերով ասած, տեսնեի, թե ինչպես են «սառեցրել» երեխային, և անզգուշաբար քմծիծաղ տվի նրա մանկան դիակի վրա, որովհետև նորից սկսեցի բացատրել Սուրիկովին, որ նա «ինքն է մեղավոր», ապա հանկարծ այդ ճլեզի շրթունքներն սկսեցին դողալ, և նա, մի ձեռքով ուսիցս բռնած, մյուսով ինձ ցույց տվեց դուռը և կամացուկ, այսինքն՝ համարյա շշուկով, ասաց. «Դուրս գնացեք»։ Ես դուրս գնացի, և դա ինձ շատ դուր եկավ, դուր եկավ հենց այն ժամանակ, նույնիսկ հենց այն րոպեին, երբ ինձ դուրս էր անում, բայց հետո, վերհիշելիս, շատ երկար ժամանակ նրա խոսքերը ինձ վրա ինչ-որ տարօրինակ, դեպի նա արհամարհական խղճահարության ծանր տպավորություն էին գործում, որը ես բնավ չէի ցանկանա զգալ։ Նույնիսկ այդպիսի վիրավորանքի րոպեին (չէ՞ որ ես զգում եմ, որ նրան վիրավորեցի, թեև այդպիսի մտադրություն չունեի), նույնիսկ մի այդպիսի՜ րոպեի այդ մարդը չէր կարողանում զայրանալ։ Այն ժամանակ նրա շրթունքները դողդողացին ամենևին էլ ոչ զայրույթից, երդվում եմ. նա ձեռքիցս բռնեց և իր հոյակապ «դո՛ւրս գնացեք»-ը արտասանեց բոլորովին առանց բարկության։ Արժանապատվություն կար, նույնիսկ շատ, նույնիսկ նրան բոլորովին ոչ սազական (այնպես որ, ճիշտն ասած, այդտեղ նաև կոմիկական շատ բան կար), բայց չարություն չկար։ Կարող է պատահել, որ նա ուղղակի հանկարծ սկսեց արհամարհել ինձ։ Այն ժամանակից ի վեր, երկու-երեք անգամ, երբ նրան հանդիպում էի սանդուղքի վրա, նա հանկարծ սկսեց իմ առաջ գլխարկը հանել, մի բան, որ առաջ երբեք չէր անում, բայց արդեն կանգ չէր առնում առաջվա պես, այլ շփոթված արագ, անցնում էր կողքովս։ Եթե անգամ նա ինձ արհամարհում էր, ապա այնուամենայնիվ՝ յուրովի. նա «խոնարհաբար էր արհամարհում»։ Բայց կարող է պատահել, նա գլխարկը հանում էր ուղղակի վախից, որպես իր վարկատուի որդու, որովհետև նա շարունակ պարտք է մորս և ոչ մի կերպ չի կարողանում պարտքերի տակից դուրս գալ։ Եվ նույնիսկ ամենից հավանականն այդ է։ Ես ուզում էի նրա հետ բացատրվել, և հաստատ գիտեմ, որ նա տասը րոպեից հետո կսկսեր ինձնից ներողություն խնդրել, բայց մտածեցի, որ ավելի լավ է հանգիստ թողնել նրան։

Հենց այդ ժամանակ, այսինքն՝ մոտավորապես այն ժամանակ, երբ Սուրիկովը «սառեցրել էր» երեխային, մոտավորապես մարտի կեսերին, չգիտես ինչու ես հանկարծ սկսեցի շատ ավելի լավ զգալ ինձ, և այդպես շարունակվում էր մի երկու շաբաթ։ Ես սկսեցի դուրս գալ մեծ մասամբ մթնշաղի կողմ։ Ես սիրում էի մարտյան մթնշաղները, երբ սկսում էր սառսռոցը և երբ վառում էին գազը, գնում էի երբեմն հեռու։ Մի անգամ, Շեստիլավոչնայայում խավարի մեջ հետևիցս հասավ ու անցավ «ազնվածիններից» ինչ֊որ մեկը, նրան կարգին չտեսա, նա թղթով փաթաթած մի բան էր տանում, և հագին մի նեղլիկ, այլանդակ, եղանակին անհամապատասխան բարակ վերարկու էր։ Երբ նա հավասարվեց լապտերին, ինձնից տասը քայլ առաջ, նկատեցի, որ նրա գրպանից մի բան ընկավ։ Ես շտապեցի վերցնել, և ժամանակն էր, որովհետև, երկար կաֆտանավոր մեկը արդեն մոտ թռավ, բայց իրը տեսնելով ձեռքիս, վեճ չսկսեց, թռուցիկ նայեց ձեռքերիս ու սահեց անցավ։ Այդ իրը մեծ, սեկե, հնաձև ու լիքը լցրած դրամապանակ էր, բայց չգիտես ինչու ես առաջին իսկ հայացքից հասկացա, որ նրանում ինչ ասես կա, միայն թե ոչ փող։ Կորցնող անցորդը արդեն քայլում էր ինձնից քառասուն քայլ այն կողմ և շուտով ամբոխի մեջ կորավ աչքիցս։ Ես վազեցի ու սկսեցի ձայն տալ նրան, բայց քանի որ բացի «է՜յ»-ից ես ոչինչ չէի կարող բղավել, ուստի նա չշրջվեց։ Հանկարծ նա արագ մտավ ձախ՝ մի տան դարպասը։ Երբ ներս վազեցի դարպասից, որի տակ շատ մութ էր, արդեն ոչ ոք չկար։ Տունը հսկայական մեծության էր, մեկն այն վիթխարի շինվածքներից, որոնք կառուցում են աֆերիստները մանր բնակարանների համար. երբեմն այդպիսի տներում մինչև հարյուր համար է լինում։ Երբ վազելով անցա դարպասը, ինձ թվաց, թե հսկայական բակի հետնակողմի աջ անկյունում կարծես մարդ է քայլում, թեև խավարի մեջ հազիվ կարող էի նշմարել։ Վազ տալով մինչև անկյունը, ես տեսա դեպի սանդուղք տանող մի մուտք, սանդուղքը նեղ էր, չափազանց կեղտոտ և բոլորովին չլուսավորված, բայց լսվում էր, որ բարձրում աստիճաններով դեռ վազում է մի մարդ, և ես նետվեցի դեպի սանդուղքը, հույս ունենալով, որ մինչև որևէ տեղ նրա առաջ դուռը բացեն, ես կհասնեմ նրան։ Այդպես էլ եղավ։ Սանդուղքները շատ կարճ էին, նրանց թիվն անվերջ էր, այնպես որ ես սարսափելի շնչակտուր եղա. դուռը բացին և նորից փակեցին հինգերորդ հարկում, ես դա կռահեցի ցածից դեռևս երեք սանդուղք չբարձրացած։ Մինչև վազեցի վեր, մինչև շունչս տեղն եկավ, մինչև որոնում էի զանգը, անցավ մի քանի րոպե։ Իմ առաջ դուռը վերջապես բացեց մի կին, որը շատ պստլիկ խոհանոցում ինքնաեռ էր փչում, նա լուռ լսեց իմ հարցերը, իհարկե, ոչինչ չհասկացավ և լուռ իմ առաջ բաց արեց դուռը դեպի հաջորդ սենյակը, որը նույնպես փոքրիկ էր, սարսափելի ցածլիկ, անհրաժեշտ վատ կահ-կարասիով և վարագույրի հետև լայն հսկայական անկողնով, որի վրա պառկել էր, ինձ թվաց թե հարբած «Տերենտիչը» (այդպես կանչեց կինը)։ Սեղանի վրա այրվում վերջանում էր թիթեղե գիշերաճրագի մոմը և համարյա դատարկված մի կիսաշտոֆ էր դրած։ Տերենտիչը պառկած տեղից մի բան բառաչեց և ձեռքը թափ տվեց դեպի հաջորդ դուռը, իսկ կինը գնաց, այնպես որ ինձ ոչինչ չէր մնում, քան բացել այդ դուռը։ Ես այդպես էլ արի և մտա հաջորդ սենյակը։

Այդ սենյակը նախորդից ավելի փոքր ու նեղվածք էր, այնպես որ նույնիսկ չգիտեի, ինչպես շարժվեմ. անկյունում դրած նեղ, միտեղանի մահճակալը խիստ շատ տեղ էր գրավում. մնացած կահ-կարասին՝ ընդամենը երեք հասարակ աթոռ էր, ամեն տեսակ չուլ ու փալասով ծանրաբեռնված, և ամենահասարակ խոհանոցային փայտե սեղան, մոմլաթապատ հին բազմոցի առաջ, այնպես որ սեղանի ու մահճակալի արանքով արդեն համարյա չէր կարելի անցնել։ Սեղանի վրա վառվում էր մի նույնպիսի թիթեղե գիշերաճրագ ճարպամոմով, ինչպես և առաջին սենյակում, իսկ մահճակալի վրա ճղճղում էր մի շատ փոքրիկ, ձայնից դատելով, գուցե ընդամենը երեք շաբաթական երեխա, նրա «տակը փոխում» էր, այսինքն՝ վերաբարուրում էր մի հիվանդ ու գունատ կին, կարծես ջահել, խիստ անփույթ հագնված, և գուցե, ծննդաբերությունից հետո հենց նոր վեր կացած, բայց երեխան ձայնը չէր կտրում և ճչում էր սպասելով մոր նիհար կրծքին։ Բազմոցի վրա քնել էր մի ուրիշ երեխա, երեք տարեկան մի աղջիկ, որ ծածկված էր, կարծես, ֆրակով։ Սեղանի մոտ կանգնել էր շատ քրքրված սերթուկով մի պարոն (նա արդեն հանել էր վերարկուն, որը դրված էր մահճակալին) և բաց էր անում կապույտ թուղթը, որի մեջ փաթաթած էր մի երկու ֆունտ ցորենի հաց և երկու փոքրիկ երշիկ։ Սեղանին, բացի դրանից, թեյամանով թեյ կար և թափթփված էին սև հացի կտորտանք։ Մահճակալի տակից դուրս էր ցցվել մի չկողպած ճամպրուկ և երևում էին հնոտիների երկու կապոց։

Մի խոսքով, սարսափելի անկարգություն էր։ Ինձ առաջին հայացքից թվաց, որ նրանք երկուսն էլ, թե պարոնը, թե տիկինը, կանոնավոր մարդիկ են, բայց աղքատությունից հասած այդ ստորացուցիչ վիճակին, որում անկարգությունը վերջապես հաղթահարում է նրա դեմ պայքարելու ամեն մի փորձ և նույնիսկ մարդկանց հասցնում է դառն պահանջի՝ ամեն օր աճող բուն այդ անկարգության մեջ գտնել ինչ֊որ դառն և կարծես վրիժառու բավականության զգացմունք։

Երբ ես մտա, ինձնից առաջ նույնպես հենց նոր ներս եկած ու իր պաշարների փաթեթը բաց արած այդ պարոնը տաք-տաք ու արագ խոսակցում էր կնոջ հետ մի բանի մասին. կինը թեև դեռ չէր վերջացրել բարուրելը, բայց արդեն սկսել էր նվնվալ. ըստ երևույթին, տեղեկությունները սովորականի պես վատ էին։ Մոտ քսանութ տարեկան տեսքով այդ պարոնի թուխ ու չոր֊չոր, սև այտամորուքով շրջանակված, մաքուր ածիլված կզակով դեմքը ինձ բավական վայելուչ և նույնիսկ հաճելի թվաց, այդ դեմքը մռայլ էր, մռայլ հայացքով, բայց չափազանց հեշտ գրգռվող հպարտության ինչ֊որ հիվանդագին երանգով։ Երբ ես մտա, տարօրինակ տեսարան տեղի ունեցավ։

Կան մարդիկ, որոնք իրենց գրգռված վիրավորկանության մեջ արտակարգ հաճույք են զգում, և հատկապես այն ժայմանակ, երբ այդ վիրավորկանությունը նրանց մեջ հասնում է (որ միշտ պատահում է շատ արագ) մինչև վերջին սահմանը. թվում է, այդ վայրկյանին նրանց համար նույնիսկ ավելի հաճելի է լինել վիրավորված, քան չվիրավորված։ Այդ գրգռվողները հետո միշտ սաստիկ տանջվում են զղջումից, իհարկե, եթե նրանք խելացի են և ի վիճակի են հասկանալու, որ տասն անգամ ավելի են տաքացել, քան պետք էր։ Այդ պարոնը միառժամանակ նայում էր ինձ զարմացած, իսկ կինը վախեցած, կարծես թե չտեսնված տարօրինակ բան էր, որ նրանց մոտ էլ կարող էր որևէ մեկը գալ, բայց հանկարծ նա ինձ վրա հարձակվեց համարյա կատաղած, ես դեռ չէի հասցրել մի երկու բառ փնթփնթալ, իսկ նա, մանավանդ տեսնելով, որ կարգին եմ հագնված, ըստ երևույթին իրեն խիստ վիրավորված համարեց նրանով, որ ես համարձակվել էի այդպես կոպտաբար մտնել նրա անկյունը և տեսնել ողջ այլանդակ վիճակը, որից նա ինքն ամաչում էր։ Իհարկե, նա ուրախացավ առիթից, որ կարող է գոնե մեկի վրա թափել իր բոլոր ձախորդությունների զայրույթը։ Մի րոպե ես նույնիսկ կարծում էի, կնետվի հետս կռվելու, նա գունատվեց ինչպես կանացի հիստերիկայի մեջ ընկած և սաստիկ վախեցրեց կնոջը։

— Ինչպե՞ս համարձակվեցիք այդպես ներս մտնել։ Դո՛ւրս,— բղավում էր նա դողալով և նույնիսկ հազիվ արտասանելով բառերը։ Բայց հանկարծ նա իմ ձեռքում տեսավ իր դրամապանակը։

— Կարծեմ, դուք գցեցիք,— ասացի ես որքան կարելի է հանգիստ ու չոր։ (Ասենք, հենց այդպես էլ պետք էր)։

Նա իմ առաջ կանգնել էր բոլորովին վախեցած և մի որոշ ժամանակ կարծես ոչինչ չէր կարողանում հասկանալ, հետո արագ բռնեց գրպանը, սարսափից բերանը բացեց և ձեռքով խփեց ճակատին։

Ես շատ կարճառոտ և ըստ հնարավորին չոր բացատրեցի նրան, թե ինչպես բարձրացրի դրամապանակը, ինչպես էի վազում ու կանչում նրան և ինչպես, ի վերջո, ենթադրաբարև գրեթե խարխափելով, նրա հետևից վազեցի սանդուղքն ի վեր։

— Օ, աստվա՜ծ,— գոչեց նա, դառնալով կնոջը,— այստեղ են մեր բոլոր փաստաթղթերը, այստեղ են իմ վերջին, գործիքները, այստեղ է ամեն ինչ... Օ, ողորմած պարոն, գիտե՞ք արդյոք, թե ինչ եք արել ինձ համար։ Ես կկորչեի։

Այդ միջոցին ես բռնել էի դռան բռնակը, որպեսզի առանց պատասխանելու գնայի, բայց ես ինքս շնչահեղձ էի լինում և հանկարծ իմ հուզմունքը արտահայտվեց այնպիսի ուժգին հազի նոպայով, որ հազիվ էի կարողանում ոտքի վրա կանգնել։ Ես տեսնում էի, թե ինչպես պարոնը նետվում էր ամեն կողմ, որպեսզի ինձ համար ազատ աթոռ գտնի, ինչպես նա, վերջապես մի աթոռի վրայից վերցրեց ցնցոտիները, նետեց հատակին և, շտապելով, ինձ հրամցրեց աթոռը, զգուշությամբ նստեցնելով ինձ։ Բայց իմ հազը շարունակվում էր և չէր դադարում դեռևս մոտ երեք րոպե։ Երբ ես ուշքի եկա, նա արդեն նստած էր իմ կողքին մյուս աթոռի վրա, որի վրայից նույնպես, հավանաբար, ցնցոտիները թափել էր հատակին, և ուշադիր նայում էր ինձ։

— Դուք կարծես... տառապո՞ւմ եք,— ասաց նա այն եղանակով, որով սովորաբար խոսում են բժիշկները, հիվանդին դիմելով։— Ես ինքս... մեդիկ եմ (նա չասաց՝ բժիշկ),— և, այդ ասելով, չգիտես ինչու նա ձեռքով ինձ ցույց տվեց սենյակը, ասես բողոքելով իր այժմյան վիճակի դեմ,— ես տեսնում եմ, որ դուք...

— Ես թոքախտ ունեմ,— ասացի ես որքան կաբելի է կարճ և վեր կացա։

Անմիջապես նա էլ վեր թռավ։

— Գուցե դուք չափազանցնում եք և... միջոցների դիմելով...

Նա բոլորովին շշկլվել էր և կարծես դեռ չէր կարող ուշքի գալ, դրամապանակը ցցված էր նրա ձախ ձեռքին։

— Օ, մի անհանգստացեք,— նորից նրա խոսքը կտրեցի ես, բռնելով դռան բռնակը,— անցյալ շաբաթ ինձ քննել է Բ-նը (ես նորից մեջ խցկեցի Բ-նին), և իմ հարցը լուծված է։ Ներեցեք...

Ես նորից ուզում էի դուռը բացել և լքել իմ շփոթված, շնորհակալ և ամոթից ճզմված բժշկին, բայց անիծյալ հազը հենց այդ ժամանակ նորից բռնեց ինձ։ Այստեղ իմ բժիշկը պնդեց, որ նորից նստեմ ու հանգստանամ. նա դիմեց կնոջը, և կինը, առանց իր տեղը թողնելու, ինձ մի քանի շնորհակալական ու սիրալիր խոսք ասաց։ Ընդսմին նա շատ շփոթվեց, այնպես որ նույնիսկ կարմրություն խաղաց նրա դեղնադալուկ, չոր այտերին։ Ես մնացի, բայց այնպիսի տեսքով, որն ամեն վայրկյան ցույց էր տայիս, որ ես շատ եմ վախենում նրանց նեղություն պատճառելուց (այդպես էլ պետք էր)։ Իմ բժշկի զղջումը վերջապես տանջահար արեց նրան, ես այդ տեսնում էի։

— Եթե ես...— սկսեց նա, րոպեն մեկ խոսքը կտրելով ու խոսքից խոսք թռչելով,— ես այնպես շնորհակալ եմ ձեզ և այնպես մեղավոր եմ ձեր առաջ... ես... դուք տեսնում եք...— նա դարձյալ ցույց տվեց սենյակը,— այս րոպեիս ես գտնվում եմ այնպիսի վիճակում...

— Օ,— ասացի ես,— տեսնելու բան չկա, հայտնի բան է, ըստ երևույթին դուք կորցրել եք ձեր աշխատանքը և եկել եք բացատրվելու և նորից տե՞ղ փնտրելու։

— Ինչի՞ց... իմացաք,— հարցրեց նա զարմացած։

— Առաջին հայացքից երևում է,— պատասխանեցի ես ակամա ծաղրանքով։— Այստեղ շատ են գալիս գավառից, հույսերով, վազվզում և ահա այսպես ապրում։

Նա հանկարծ սկսեց խոսել տաք֊տաք, դողդողացող շրթունքներով, նա սկսեց գանգատվել, սկսեց պատմել և, խոստովանում եմ, հետաքրքրեց ինձ. ես նրա մոտ նստեցի համարյա մի ժամ։ Նա ինձ պատմեց իր պատմությունը, որը շատ սովորական էր։ Նա բժիշկ է եղել նահանգում, պետական պաշտոն է ունեցել, բայց այստեղ ինչ֊որ ինտրիգներ են սկսվել, որին խառնել են նույնիսկ նրա կնոջը։ Նա հպարտսւթյուն է բանեցրել, տաքացել է, տեղի է ունեցել նահանգական պետերի փոփոխություն հօգուտ նրա թշնամիների, նրա տակ փորել են, գանգատվել, նա տեղը կորցրել է և վերջին միջոցներով Պետերբուրգ եկել բացատրության, Պետերբուրգում, հայտնի բան է, նրան երկար ժամանակ չէին լսում, հետո լսեցին, հետո պատասխանում էին մերժմամբ, հետո հրապուրեցին խոստումներով, հետո պատասխանում էին խստությամբ, հետո նրան պատվիրեցին ինչ֊որ բան գրել ի բացատրություն, հետո հրաժարվեցին նրա գրածն ընդունել, պատվիրեցին խնդրագիր տալ, մի խոսքով նա վազվզում էր արգեն հինգերորդ ամիսը, ամեն ինչ կերել էր, կնոջ վերջին փալասները գրավ էին դրված, իսկ այստեղ երեխան ծնվեց և... և... «այսօր եզրափակիչ մերժում եմ ստացել տված խնդրագրիս, իսկ ես համարյա հաց չունեմ, ոչինչ չունեմ, կինս երեխա է բերել։ Ես... ես...»։

Նա աթոռից վեր թռավ ու երեսը շրջեց։ Նրա կինը լաց էր լինում անկյունում, երեխան նորից սկսեց լաց լինել։ Ես հանեցի ծոցատետրս և սկսեցի գրել։ Երբ վերջացրի ու վեր կացա, նա կանգնել էր իմ առաջ և նայում էր երկչոտ հետաքրքրությամբ։

— Ես գրեցի ձեր անունը,— ասացի նրան,— և մնացած ամեն ինչ. պաշտոնավայրը, ձեր նահանգապետի անունը, ամսաթվերը, ամիսները։ Ես մի ընկեր ունեմ, դեռ դպրոցից, Բախմուտով, իսկ նրա հորեղբայրը, Պյոտր Մատվեևիչ Բախմուտովը, իսկական պետական խորհրդական է և պաշտոնավարում է որպես դիրեկտոր...

— Պյոտր Մատվեյիչ Բախմո՜ւտովը,— բացականչեց իմ բժիշկը, համարյա ցնցվելով,— բայց ախր հենց նրանից է կախված համարյա ամե՜ն ինչ։

Իսկապես, իմ բժշկի պատմությունը, դրա լուծումը, որին ես անսպասելիորեն նպաստեցի, կատարելապես հաջողվեց ու կարգավորվեց, կարծես դիտմամբ դրա համար պատրաստված էր ամեն ինչ, ճիշտ և ճիշտ ինչպես վեպում։ Ես այդ խեղճ մարդկանց ասացի, որ նրանք աշխատեն ոչ մի հույս չկապել ինձ հետ, որ ես ինքս մի խեղճ գիմնազիստ եմ (ես դիտմամբ չափազանցրի ստորացումս. ես վաղուց եմ ավարտել դասընթացը և գիմնազիստ չեմ) և որ կարիք չկա, որ նրանք անունս իմանան, բայց որ ես հենց հիմա կգնամ Վասիլևյան կղզին իմ ընկեր Բախմուտովի մոտ, և քանի որ ես հաստատ գիտեմ, որ նրա հորեղբայրը, իսկական պետական խորհրդականը, ամուրի ու անզավակ, ուղղակի պաշտում է իր եղբորորդուն և անսահման սիրում, հանձին նրա տեսնելով իր ընտանիքի վերջին շառավիղը, ապա, «կարող է պատահել, իմ ընկերը կարողանա որևէ բան անել ձեզ համար և ինձ համար, իհարկե, իր հորեղբոր մոտ...»։

— Ինձ միայն թո՜ւյլ տային բացատրվելու նորին գերազանցության հետ։ Միայն կարենայի պատիվ ստանալ խոսքերով բացատրելու,— բացականչեց նա, դողալով ինչպես տենդահար և փայլատակող աչքերով։ Նա այդպես էլ ասաց. կարենայի։ Մի անգամ էլ կրկնելով, որ հավանաբար գործր կտապալվի և ամեն ինչ դատարկ բան դուրս կգա, ես ավելացրի, որ եթե վաղն առավոտյան նրանց մոտ չգամ, ապա, նշանակում է, բանը պրծել է, և նրանք սպասելիք չունեն։ Նրանք ինձ ճամփա դրին խոնարհումներով, նրանք համարյա խելքները թռցրել էին։ Երբեք չեմ մոռանա նրանց դեմքերի արտահայտությունը։ Ես կառք վերցրի և անմիջապես գնացի Վասիլևյան կղզին։

Այդ Բախմուտովի հետ գիմնազիայում մի քանի տարի շարունակ մշտական թշնամության մեջ էի։ Մեզ մոտ նա համարվում էր արիստոկրատ, համենայն դեպս ես այդպես էի անվանում նրան. հրաշալի հագնվում էր, գիմնազիա էր գալիս սեփական կառքով, բոլորովին ֆանֆարոնություն չէր անում, միշտ սքանչելի ընկեր էր, միշտ արտասովոր ուրախ էր և երբեմն նույնիսկ շատ սրամիտ, թեև բոլորովին մեծ խելքի տեր չէր, չնայած նրան, որ դասարանում միշտ առաջինն էր, իսկ ես երբեք ոչ մի բանում առաջինը չեմ եղել։ Բոլոր ընկերները սիրում էին նրան, բացի միակ ինձնից։ Այդ մի քանի տարվա ընթացքում նա մի քանի անգամ մոտեցել էր ինձ, բայը ես ամեն անգամ մռայլ ու գրգռված երես եմ դարձրել նրանից։ Այժմ արդեն ես նրան չէի տեսել մոտ մեկ տարի. նա համալսարանում էր։ Երբ մոտավորապես ժամը իննին ես մտա նրա մոտ (մեծ ձևականություններով. իմ մասին զեկուցեցին), նա ինձ դիմավորեց սկզբում զարմացած, նույնիսկ բոլորովին ոչ սիրալիր, բայց իսկույն զվարթացավ և, ինձ վրա նայելով, հանկարծ հռհռաց։

— Այդ ի՞նչ է անցել ձեր մտքով ինձ մոտ գալ, Տերենտև,— բղավեց նա իր մշտական հաճելի սանձարձակությամբ, երբեմն հանդուգն, բայց երբեք վիրավորական, որը ես այնքան սիրում էի նրա մեջ և որի համար այնպես ատում էի նրան։— Բայց այս ինչ է,— բացականչեց նա վախեցած,— դուք այնպես հիվա՜նդ եք։

Հազը ինձ նորից սկսեց տանջել, ես ընկա աթոռին և հազիվ էի կարողանում շունչս ետ բերել։

— Մի անհանգստացեք, ես թոքախտ ունեմ,— ասացի ես,— ձեզ մոտ խնդրանքով եմ եկել։

Նա զարմացած նստեց, և ես անմիջապես շարադրեցի բժշկի ամբողջ պատմությունը և բացատրեցի, որ նա ինքը, արտակարգ ազդեցություն ունենալով հորեղբոր վրա, գուցե կարող էր որևէ բան անել։

— Կանեմ, անպայման կանեմ և հենց վաղը կհարձակվեմ հորեղբորս վրա. և ես նույնիսկ ուրախ եմ, և այդ ամենը դուք այնպես լավ պատմեցիք... Բայց և այնպես, Տերենտև, ինչպե՞ս ձեր մտքով անցավ ինձ դիմել։

— Ձեր հորեղբորից այստեղ այնքան բան է կախված, և ընդսմին մենք, Բախմուտով, միշտ թշնամիներ ենք եղել, իսկ քանի որ դուք ազնվաբարո մարդ եք, ապա մտածեցի, որ թշնամուն չեք մերժի,— ավելացրի ես իրոնիայով։

— Ինչպես Նապոլեոնը դիմեց Անգլիայի՜ն,— գոչեց նա հռհռալով։— Կանեմ, կա նե՜մ։ Նույնիսկ հիմա կգնամ, եթե կարելի է,— ավելացրեց նա արագ, տեսնելով, որ ես լուրջ ու խիստ վեր եմ կենում աթոռից։

Եվ իրոք, այդ գործը ամենաանսպասելի ձևով կարգավորվեց այնպես, որ ավելի լավ պետք չէր։ Մեկ և կես ամսից հետո մեր բժիշկը նորից տեղ ստացավ մի ուրիշ նահանգում, ստացավ ճանապարհածախս, նույնիսկ օժանդակություն։ Ես կարծում եմ, որ Բախմուտովը, որը սաստիկ սովորություն էր դարձրել նրանց մոտ գնալը (մինչդեռ ես դրա պատճառով դիտմամբ դադարեցի նրանց տուն գնալուց և ինձ մոտ վազ տվող բժշկին ընդունում էի համարյա չոր), Բախմուտովը, ինչպես կասկածում եմ, բժշկին համոզել էր նույնիսկ պարտք ընդունել իրենից։ Այդ վեց շաբաթվա ընթացքում Բախմուտովի հետ տեսնվել եմ մի երկու անգամ. մենք երրորդ անգամ հանդիպեցինք, երբ ճանապարհ էինք դնում բժշկին։ Ողջերթը սարքել էր Բախմուտովը հենց իր տանը շամպայն ու ճաշ տալով, որին ներկա էր նաև բժշկի կինը, ասենք նա շատ շուտով գնաց երեխայի մոտ։ Դա մայիսի սկզբին էր, պայծառ երեկո էր, արևի հսկա գունդը իջնում էր ծովածոց։ Բախմուտովն ինձ ուղեկցում էր տուն. մենք գնացինք Նիկոլաևյան կամուրջով. երկուսս էլ մի քիչ խմած էինք։ Բախմուտովը խոսում էր իր հիացմունքի մասին, որ այդ գործը այդպես լավ վերջացավ, ինչ֊որ բանի համար ինձ շնորհակալություն էր հայտնում, բացատրում էր, թե որքան լավ է զգում հիմա իրեն, բարի գործից հետո, հավատացնում որ ամբողջ ծառայությունն իմն է, որ իզուր են հիմա շատերը սովորեցնում ու քարոզում, թե եզակի բարի գործը ոչ մի նշանակություն չունի։ Ես էլ խոսելու մեծ ցանկություն ունեցա։

— Ով ոտնձգություն է անում եզակի «ողորմության» դեմ,— սկսեցի ես,— նա ոտնձգություն է անում մարդու բնության դեմ և արհամարհում է նրա անհատական արժանիքը։ Բայց «հասարակական ողորմության» կազմակերպումը և անձնական ազատության հարցը երկու տարբեր և փոխադարձաբար իրար չբացառող հարցեր են։ Եզակի բարեգործությունը միշտ կմնա, որովհետև դա անհատի պահանջ է, մի անհատի ուղղակի ազդեցության կենդանի պահանջը մի այլ անհատի վրա։ Մոսկվայում ապրում էր մի ծերունի, մի «գեներալ», այսինքն՝ իսկական պետական խորհրդական, գերմանացու անունով. նա ամբողջ կյանքում քարշ էր գալիս թիարաններում ու հանցագործների մոտ. հանցագործների Սիբիր ուղարկվող յուրաքանչյուր խումբ վաղօրոք գիտեր, որ Վորոբյովյան սարերում իրեն այցելության կգա «ծերուկ գեներալը»։ Նա իր գործն անում էր վերին աստիճանի լուրջ և բարեպաշտորեն, նա հայտնվում էր, անցնում աքսորականների շարքերով, որոնք շրջապատում էին նրան, կանգ էր առնում ամեն մեկի առաջ, ամեն մեկին հարցուվարձ էր անում նրա կարիքների մասին, համարյա երբեք ոչ ոքի խրատներ չէր կարդում, նրանց բոլորին անվանում էր «աղավնյակներ»։ Նա փող էր տալիս, անհրաժեշտ իրեր՝ փաթեթներ, քաթան ուղարկում, երբեմն հոգեփրկիչ գրքեր էր բերում և դրանք նվիրում էր ամեն մի գրագետի, լիակատար համոզմունքով, որ դրանք ճանապարհին կկարդան և որ գրագետը կկարդա անգրագետի համար։ Հանցագործության մասին նա հազվադեպ էր հարցուփորձ անում, միայն ունկնդրում էր, եթե հանցագործն ինքն էր սկսում խոսել. բոլոր հանցագործները նրա համար մեկ էին, տարբերություն չէր դնում։ Նրանց հետ խոսում էր ինչպես եղբայրների հետ, բայց վերջը նրանք սկսեցին գեներալին հոր տեղ դնել։ Եթե նկատում էր երեխան գրկին որևէ աքսորական կնոջ, մոտենում էր, փաղաքշում երեխային, մատները շխկացնում, որպեսզի։ նա ծիծաղի։ Այդպես էր վարվում նա շատ տարիներ, մինչև մահը, այնտեղ հասավ, որ նրան ճանաչում էին ամբողջ Ռուսաստանում և ամբողջ Սիբիրում, այսինքն՝ բոլոր հանցագործները։ Սիբիրում եղած մեկը ինձ պատմում էր, որ նա ինքը վկա է եղել, թե ինչպես ամենաանուղղելի հանցագործները մտաբերում էին գեներալին, այնինչ խմբերին այցելելիս, գեներալը հազվադեպ էր կարողանում ամեն մեկին քսանական կոպեկից ավելի բաժանել։ Ճիշտ է, նրան մտաբերում էին ոչ թե ջերմությամբ կամ շատ լրջորեն։ Ընդամենը մի տասներկու հոգի սպանած, լոկ իր բավականության համար մի վեց հատ երեխա խողխողած «դժբախտներից» մեկը (ասում են, լինում էին այդպիսիք) հանկարծ, առանց որևէ առիթի, երբևէ, և ամբողջ քսան տարվա ընթացքում գուցե ընդամենը մեկ անգամ, հանկարծ կհառաչեր ու կասեր. «Տեսնես ծերուկ գեներալը դեռ ո՞ղջ է»։ Դրա հետ, կարող է պատահել, նույնիսկ քմծիծաղ կտար, և ահա ընդամենը հենց այդքան։ Իսկ ի՞նչ գիտեք, առհավետ ի՞նչ սերմ է գցել նրա հոգու մեջ այդ «ծերուկ գեներալը», որին նա չի մոռացել քսան տարում։ Ի՞նչ գիտեք, Բախմուտով, ի՜նչ նշանակություն կունենա մի անձնավորության այդ հաղորդակցությունը մյուս՝ հաղորդակից դարձված անձնավորության ճակատագրում... Չէ՞ որ այստեղ մի ամբողջ կյանք է և մեզնից թաքուն անթիվ-անհամար ճյուղավորումներ։ Ամենալավ շախմատ խաղացողը, նրանցից ամենասուր միտք ունեցողը վաղօրոք միայն մի քանի քայլ կարող է մտածել, նախօրոք տասը քայլի հաշիվ անել կարողացող մի ֆրանսիացի խաղացողի մասին գրում էին ինչպես հրաշքի մասին։ Իսկ այստեղ ինչքա՜ն քայլեր կան և ինչքա՜նն է մեզ անհայտ։ Ձեր սերմը նետելով, ձեր «ողորմությունը», ձեր բարի գործը նետելով, ինչ ձևով ուզում է դա լինի, դուք տալիս եք ձեր անձնավորության մի մասը և ձեր մեջ ընդունում ուրիշի մի մասը, դուք փոխադարձաբար հաղորդակից եք դառնում մեկդ մյուսիդ, ևս մի քիչ ուշադրություն, և դուք արդեն վարձատրվում եք տեղյակ դառնալով, ամենա անսպասելի հայտնագործություններով։ Վերջ ի վերջո դուք անպայման ձեր գործին կսկսեք նայել ինչպես գիտության. նա իր մեջ կգրավի ձեր ողջ կյանքը և կարող է լցնել ողջ կյանքը։ Մյուս կողմից, ձեր բոլոր մտքերը, ձեր նետած բոլոր սերմերը, որոնք գուցե դուք արդեն մոռացել եք, կմարմնավորվեն ու կաճեն. ձեզնից ստացողը կփոխանցի մեկ ուրիշին։ Եվ ի՞նչ գիտեք, թե դուք ինչ մասնակցություն կունենաք մարդկության ճակատագրի ապագա լուծման մեջ։ Իսկ եթե իմացությունը և ամրողջ կյանքում կատարած այդ աշխատանքը ձեզ վերջապես կբարձրացնեն մինչև այն աստիճան, որ դուք ի վիճակի կլինեք նետել մի վիթխարի սերմ, աշխարհին թողնել մի վիթխարի միտք, ապա... Եվ այլն, ես շատ խոսեցի այն ժամանակ։

— Եվ ընդսմին մարդ մտածի, որ հենց ձե՛զ է մերժված կյանքը,— չգիտես ում հասցեագրված տաք կշտամբանքով բացականչեց Բախմուտովը։

Այն րոպեին մենք կանգնած էինք կամուրջի վրա, բազրիքին հենված, և նայում էինք Նևային։

— Գիտե՞ք ինչ անցավ մտքովս,— ասացի ես, ավելի ևս կախվելով բազրիքից։

— Մի՞թե ջուրը նետվել,— գոչեց Բախմուտովը։ Գուցե նա կարդաց իմ միտքը դեմքիս վրա։

— Ոչ, առայժմ միայն դատողություն է, հետևյալը, ահա հիմա ինձ մնում է ապրելու երկու֊երեք ամիս, գուցե չորս, բայց, օրինակ, երբ կմնա ընդամենը միայն երկու ամիս, և եթե ես սաստիկ ուզենայի մի բարի գործ անել, որը պահանջեր աշխատանք, վազվզոց ու գլխացավանք, այ օրինակ մեր բժշկի գործի պես, ապա այդ դեպքում չէ՞ որ ես պետք է հրաժարվեի այդ գործից ինձ մնացած ժամանակի սղության պատճառով և մի ուրիշ, ավելի մանր «բարի գործ» փնտրեի, որը կհամապատասխաներ իմ հնարավորություններին (եթե բարի գործերի շատ ուժգին ցանկություն ունենամ)։ Համաձայնեցեք, որ սա զվարճալի միտք է։

Խեղճ Բախմուտովը շատ անհանգստացած էր ինձ համար, նա ինձ ուղեկցեց մինչև տուն և այնքան նրբանկատ էր, որ ոչ մի անգամ չսկսեց մխիթարել և գրեթե շարունակ լուռ էր։ Հրաժեշտ տալիս նա ջերմորեն սեղմեց ձեռքս և թույլտվություն խնդրեց այցելելու ինձ։ Ես նրան պատասխանեցի, որ եթե նա ինձ մոտ գա որպես «մխիթարիչ» (որովհետև, եթե նույնիսկ լռելու լիներ, ապա այնուամենայնիվ կգար որպես մխիթարիչ, ես այդ բացատրեցի նրան), ապա, նշանակում է, դրանով ամեն անգամ նա ավելի շատ ինձ կհիշեցնի մահվան մասին։ Նա ուսերը թոթվեց, բայց համաձայնեց ինձ հետ. մենք բաժանվեցինք բավական քաղաքավարի, որ ես նույնիսկ չէի սպասում։

Բայց այդ երեկո և այդ գիշեր նետվեց իմ «վերջին համոզմունքի» առաջին սերմը։ Ես ագահորեն կառչեցի այդ նոր մտքից, ագահորեն քննարկում էի այն իր բոլոր ոլորապտույտներով, իր բոլոր տեսքերով (ես ամբողջ գիշերը չքնեցի), և որքան ավելի էի խորանում այդ մտքի մեջ, որքան ավելի էի ընդունում իմ մեջ, այնքան ավելի էի վախենում։ Վերջապես սարսափելի վախ ընկավ մեջս և չէր հեռանում նաև հաջորդ օրերը։ Երբեմն, մտածելով իմ այդ մշտական վախի մասին, ես արագորեն սառչում էի նոր սարսափից. չէ՞ որ այդ վախից ես կարող էի եզրակացնել, որ իմ «վերջին համոզմունքը» չափազանց լուրջ է նստել մեջս և անպայման կհանգի իր լուծմանը։ Բայց լուծման համար ինձ պակասում էր վճռականությունը. երեք շաբաթ անց ամեն ինչ վերջացած էր, և վճռականությունը հայտնվեց, բայց մի չափազանց տարօրինակ առիթով։

Այստեղ իմ բացատրության մեջ ես նշում եմ բոլոր թվերն ու ամսաթվերը։ Ինձ համար, իհարկե, միևնույն կլինի, բայց հիմա (և, գուցե, միայն այս րոպեիս) ես ուզում եմ, որ նրանք, ովքեր դատելու կլինեն իմ արարքը, կարողանան պարզ տեսնել, թե եզրակացությունների ինչպիսի տրամաբանական շղթայից է դուրս եկել իմ «վերջին համոզմունքը»։ Ես հիմա վերև գրեցի, որ վերջնական վճռականությունը, որն ինձ պակասում էր իմ «վերջին համոզմունքը» կատարելու համար, իմ մեջ առաջացավ, կարծեմ, բոլորովին ոչ տրամաբանական եզրակացությունից, այլ ինչ-որ տարօրինակ մղումից, մի տարօրինակ հանգամանքից, որը գուցե ոչնչով կապված չէր գործի ընթացքին։ Մոտ տասն օր առաջ ինձ մոտ եկավ Ռոգոժինը, իր մի գործով, որի մասին ավելորդ է այստեղ ծավալվելը։ Ես առաջ երբեք չէի տեսել Ռոգոժինին, բայց նրա մասին շատ բան էի լսել։ Ես նրան տվի բոլոր անհրաժեշտ տեղեկանքները, և նա շուտով գնաց, և քանի որ նա միայն այդ տեղեկանքների համար էր եկել, ապա դրանով էլ կվերջանար գործը մեր մեջ։ Բայց նա ինձ շատ հետաքրքրեց, և այդ ամբողջ օրը ես տարօրինակ մտքերի ազդեցության տակ էի, այնպես որ վճռեցի հաջորդ օրը ինքս այցելության գնալ նրան։ Ըստ երևույթին Ռոգոժինը ուրախ չէր ինձ տեսնելու և նույնիսկ «քաղաքավարությամբ» ակնարկեց, որ կարիք չկա շարունակելու մեր ծանոթությունը, բայց և այնպես ես անցկացրի մի շատ հետաքրքիր ժամ, ինչպես, հավանաբար, և նա։ Մեր մեջ այնպիսի հակադրություն կար, որը չէր կարող չերևալ մեզ երկուսիս էլ, հատկապես ինձ. ես արդեն իմ օրերը հաշված մարդ էի, իսկ նա ամենալիակատար, անմիջական կյանքով, ներկա րոպեով ապրող մարդ, առանց որևէ հոգսի՝ «վերջին» եզրակացությունների, թվերի կամ որևէ այլ բանի մասին, որը չի վերաբերում նրան, որի համար... որի համար... դե, թեկուզ որի համար նա գժված է, թող ինձ ների այս արտահայտության համար պարոն Ռոգոժինը, թեկուզ որպես վատ գրականագետի, որը չի կարող իր միտքն արտահայտել։ Չնայած նրա ողջ անսիրալիրությանը, ինձ թվաց, որ նա խելքի տեր մարդ է և շատ բան կարող է հասկանալ, թեև նրան կողմնակի քիչ բան է հետաքրքրում։ Ես նրան չակնարկեցի իմ «վերջին համոզմունքի» մասին, բայց չգիտեմ ինչու թվաց, որ ինձ ունկնդրելով, նա կռահեց այն։ Նա լռեց. նա սաստիկ լռակյաց է։ Հեռանալիս ես նրան ակնարկեցի, որ չնայած մեր մեջ եղած ամբողջ տարբերությանը և բոլոր հակադրություններին, les extrémités se touchent[28] (ես այդ բանը նրան բացատրեցի ռուսերեն), այնպես որ, կարող է պատահել, նա ինքն էլ բնավ այնքան հեռու չէ իմ «վերջին համոզմունքից», ինչպես թվում է։ Դրան նա պատասխանեց շատ մռայլ ու թթու ծամածռությամբ, վեր կացավ, ինքը որոնեց գտավ գլխարկս, ձևացնելով, իբր ես ինքս եմ գնում, և ուղղակի ինձ դուրս հանեց իր մռայլ տնից, այնպես ցույց տալով, թե իբր քաղաքավարությամբ ճամփու է դնում ինձ։ Նրա տունն ինձ զարմացրեց. գերեզմանատան է նմանում, իսկ նրան, կարծես, դուր է գալիս, որը, ասենք, հասկանալի է, այդպիսի լիարյուն, անմիջական կյանքը, որով նա ապրում է, շատ լիարյուն է ինքնին, որպեսզի կահավորանքի կարիք ունենա։

Ռոգոժինին կատարած այդ այցելությունը շատ հոգնեցրեց ինձ։ Բացի այդ, դեռ առավոտվանից վատ էի զգում, երեկոյան կողմ շատ թուլացա և պառկեցի մահճակալիս, իսկ ժամանակ առ ժամանակ զգում էի ուժեղ ջերմություն և նույնիսկ րոպեներ էին լինում, որ զառանցում էի։ Մինչև ժամը տասնմեկը Կոլյան մոտս մնաց։ Սակայն ես հիշում եմ այն ամենը, ինչ որ նա ասում էր, և ինչի մասին որ խոսում էինք։ Բայց երբ մի քանի րոպեով աչքերս փակվում էին, ապա շարունակ ինձ պատկերանում էր իբր թե միլիոններ ստացած Իվան Ֆոմիչը։ Նա չգիտեր, թե որտեղ պահի այդ փողերը, գլուխ էր կոտրում դրա վրա, վախից դողում էր, թե կգողանան, և, վերջապես, իբր թե որոշեց հողում թաղել։ Ես, վերջապես, նրան խորհուրդ տվի, որ այդ փողի կույտը փոխանակ զուր տեղը հողում թաղի, լավ կանի, եթե այդ ամբողջ դեզից ոսկյա դագաղիկ ձուլի «սառեցրած» մանկան համար և դրա համար երեխային թաղած տեղից հանի։ Իբր թե իմ այդ ծաղրը Սուրիկովն ընդունեց շնորհակալության արցունքներով և անմիջապես անցավ ծրագրի իրագործմանը։ Ես իբր թե թքեցի ու հեռացա նրանից։ Երբ ես բոլորովին սթափվեցի, Կոլյան ինձ հավատացնում էր, որ ես բոլորովին չեմ քնել և որ այդ ամբողջ ժամանակ նրա հետ խոսել եմ Սուրիկովի մասին։ Որոշ րոպեներ ես լինում էի շատ թախծոտ ու հուզված, այնպես որ Կոլյան հեռացավ անհանգստացած։ Երբ ես ինքս վեր կացա, որպեսզի նրա հետևից դուռը կողպեմ բանալիով, հանկարծ միտս եկավ մի պատկեր, որը տեսել էի Ռոգոժինի մոտ, նրա տան ամենամռայլ դահլիճներից մեկում, դռան վերև։ Այդ պատկերը նա ինքը ինձ ցույց տվեց հարևանցի, ես, կարծեմ, նրա առաջ կանգնեցի մի հինգ րոպե։ Արտիստական տեսակետից նրանում ոչ մի լավ բան չկար, բայց նա իմ մեջ ինչ-որ տարօրինակ անհանգստություն առաջացրեց։

Այդ նկարում պատկերված է խաչից հենց նոր ցած իջած Քրիստոսը։ Ինձ թվում է, նկարիչներն առհասարակ սովորություն են դարձրել թե խաչի վրա, թե խաչից ցած բերած Քրիստոսին պատկերել դեմքի դեռևս արտասովոր գեղեցկության երանգով. նրա այդ գեղեցկությունը նկարիչները փորձում են պահպանել նույնիսկ ամենասարսափելի տանջանքների պահին։ Այնինչ Ռոգոժինի պատկերում գեղեցկության մասին խոսք անգամ չկա. դա իսկական դիակ է մի մարդու, որը դեռ մինչև խաչ բարձրանալը տարել է անհամար տանջանքներ, վերքեր, խոշտանգումներ, ծեծ պահակներից, ծեծ ժողովրդից, երբ նա տանում էր իր խաչը և ընկավ խաչի ծանրության տակ, և, վերջապես, խաչի տանջանքը վեց ժամվա ընթացքում (առնվազն այդքան պետք է լինի իմ հաշվով)։ Ճիշտ է, այդ դեմքը խաչից հենց նոր ցած բերած մարդու դեմք է, այսինքն՝ իր մեջ չափազանց շատ կենդանի, տաք բան պահպանած դեմք, դեռևս ոչինչ չի քարացել, այնպես որ մեռածի դեմքին նույնիսկ երևում է տառապանք, որը կարծես թե նա հիմա էլ զգում է (արտիստը դա շատ լավ է որսացել), բայց դրա փոխարեն դեմքը բոլորովին չի խնայել, այստեղ լոկ բնությունն է, և իսկապես էլ այդպիսի տանջանքներից հետո այդպես պետք է լինի մարդու դիակը, ով էլ որ նա լինի։ Ես գիտեմ, որ քրիստոնեական եկեղեցին դեռևս առաջին դարերում պարզել է, որ Քրիստոսը տառապել է ոչ թե պատկերավոր, այլ իրապես, և որ նրա մարմինն էլ, նշանակում է, խաչի վրա լիովին ու միանգամայն ենթակա է եղել բնության օրենքին։ Պատկերի մեջ այդ դեմքը սարսափելի ջարդված է հարվածներից, ուռած է, սոսկալի, ուռած ու արյունլվա կապտուկներով, աչքերը բաց են, բիթերը ծռված, աչքերի խոշոր, բաց սպիտակուցները փայլում են ինչ-որ մեռելատիպ, ապակյա փայլով։ Բայց տարօրինակ է, երբ նայում ես տանջահար մարդու այդ դիակին, ապա մի առանձնահատուկ ու հետաքրքիր հարց է ծնվում. եթե ճիշտ այդպիսի դիակ էին տեսել (իսկ այն դիակը անպայման պետք է ճիշտ այդպիսին լիներ) նրա բոլոր աշակերտները, նրա ապագա գլխավոր առաքյալները, տեսել էին նրա հետևից գնացած և խաչի մոտ կանգնած կանայք, բոլոր նրան հավատացողներն ու պաշտողները, ապա, այդպիսի դիակին նայելով, ինչպե՞ս կարող էին հավատալ, որ այդ տառապյալը հարություն կառնի։ Այստեղ ակամա այն հասկացողությունն է առաջանում, որ եթե այդքան սարսափելի է մահը, և այդպես ուժեղ են բնության օրենքները, ապա ինչպե՞ս հաղթահարել դրանք։ Ինչպե՞ս հաղթահարել դրանք, երբ հիմա դրանք չհաղթահարեց նույնիսկ նա, ով իր ողջության ժամանակ հաղթահարում էր և բնությունը, որին ենթարկվում էր բնությունը, որը բացականչեց՝ «Տալիթա կումի», և աղջիկը տեղից վեր կացավ, «Ղազարոս, հեռացիր այստեղից», և մեռածը դուրս գնաց։ Այդ նկարին նայելիս բնությունը պատկերանում է ինչ֊որ վիթխարի, անողոք ու համր գազանի տեսքով կամ, ավելի ճիշտ կլինի ասել, թեև տարօրինակ, նորագույն կառուցվածքի որևէ մեքենայի տեսքով, որը խուլ ու անզգա, անիմաստորեն հափշտակել, փշուրփշուր արել և կուլ է տվել մի վսեմ ու անգին էակ, այնպիսի էակ, որը մենակ արժեր ամբողջ բնությանն ու նրա բոլոր օրենքներին, ամբողջ երկրին, որը գուցե միայն ստեղծված է եղել այդ էակի հայտնվելու համար։ Այդ պատկերով կարծես թե արտահայտվում է հենց այդ հասկացությունը խավար, լրբենի ու անիմաստորեն հավերժական ուժի մասին, որին ենթարկված է ամեն ինչ, և ակամա հաղորդվում է ձեզ։ Մեռածին շրջապատող այդ մարդիկ, որոնցից ոչ մի մարդ չկար նկարում, պետք է որ սարսափելի թախիծ ու հուզմունք զգային այն երեկո, որը միանգամից ջախջախեց նրանց բոլոր հույսերը և գրեթե հավատալիքները։ Նրանք պետք է որ ցրվեին ամենասարսափելի վախը սրտներում, թեև նրանցից յուրաքանչյուրը իր մեջ տանում էր մի վիթխարի միտք, որն արդեն երբեք չէր կարող նրանց միջից կորզվել։ Եվ եթե այդ ուսուցիչը կարողանար մահապատժի նախօրեին տեսնել իր պատկերը, ապա նա ինքը արդյոք այդպե՞ս խաչ կբարձրանար և այդպե՞ս կմեռներ, ինչպես հիմա։ Ակամա այդ միտքն էլ է ծագում, երբ նայում ես պատկերին։

Այդ բոլորն ինձ էլ պատկերանում էր կցկտուր, գուցե, իրոք, զառանցանքի հետ խառը, երբեմն նույնիսկ կերպարներով, Կոլյայի գնալուց հետո ամբողջ ժամ ու կես։ Արդյոք կարո՞ղ է կերպարներով պատկերանալ մի բան, որր կերպարանք չունի։ Բայց կարծես որոշ պահերի ինձ թվում էր, թե ես տեսնում եմ ինչ֊որ տարօրինակ ու անկարելի ձևով, այդ հավերժական ուժը, այդ խուլ, խավար ու համր էակին։ Ես հիշում եմ, որ մեկը ձեռքիցս բռնած, մոմը ձեռքին, տարավ, ցույց տվեց մի հսկայական նողկալի մորմ և սկսեց հավատացնել, թե դա հենց այն խավար, խուլ ու ամենազոր էակն է, և ծիծաղում էր վրդովմունքիս վրա։ Իմ սենյակում սրբապատկերի առաջ գիշերը միշտ կանթեղ են վառում, աղոտ ու չնչին մի լույս, բայց ամեն ինչ կարելի է ջոկել, իսկ կանթեղի տակ նույնիսկ կարելի է կարդալ։ Կարծում եմ, որ արդեն ժամը մեկն էր սկսվում. ես բոլորովին չէի քնել և պառկած էի բաց աչքերով, հանկարծ սենյակիս դուռը բացվեց, և ներս մտավ Ռոգոժինը։

Նա ներս մտավ, դուռը ծածկեց, լուռ նայեց ինձ և կամացուկ գնաց անկյունը, դեպի այն աթոռը, որը գրեթե ուղղակի կանթեղի տակ է։ Ես շատ զարմացա և նայում էի սպասումով, Ռոգոժինը արմունկները հենեց սեղանին և սկսեց լուռ նայել ինձ։ Այդպես անցավ երկու-երեք րոպե, և հիշում եմ, որ նրա լռությունը շատ վիրավորեց ու զայրացրեց ինձ։ Ախր ինչո՞ւ նա չի ուզում խոսել։ Այն, որ նա այդպես ուշ էր եկել, իհարկե, ինձ տարօրինակ թվաց, բայց հիշում եմ, որ առանձնապես զարմացած չէի հատկապես դրա համար։ Նույնիսկ ընդհակառակը, թեպետ առավոտյան նրան պարզ չհայտնեցի միտքս, բայց գիտեմ, որ նա հասկացավ, իսկ այդ միտքը այն բնույթի էր, որ դրա առթիվ, իհարկե, կարելի էր մի անգամ էլ գալ խոսելու, թեկուզ նույնիսկ շատ ուշ։ Ես այդպես էլ գիտեի, որ դրա համար է եկել։ Մենք առավոտյան մի քիչ թշնամաբար բաժանվեցինք, և ես նույնիսկ հիշում եմ, նա մի երկու անգամ ինձ վրա նայեց շատ ծաղրալի։ Հիմա նրա հայացքում ահա հենց այդ ծաղրը նկատեցի և հենց դա ինձ վիրավորեց։ Սկզբում ամենևին չէի կասկածում, որ դա իրոք Ռոգոժինն ինքն է, այլ ոչ թե տեսիլ, ոչ թե զառանցանք։ Նույնիսկ մտքովս չէր անցնում։

Մինչդեռ նա շարունակում էր նստած մնալ և շարունակ ինձ էր նայում ծաղրանքով։ Ես չարացած շրջվեցի անկողնում, նույնպես արմունկով հենվեցի բարձին և դիտմամբ որոշեցի նույնպես լռել, թեկուզ ամբողջ ժամանակ այդպես նստելու լինեինք։ Չգիտես ինչու ես անպայման ուզում էի, որ առաջինը նա սկսեր խոսել։ Կարծում եմ, այդպես անցավ մոտ քսան րոպե։ Հանկարծ մտածեցի՝ չլինի՞ դա ոչ թե Ռոգոժինն է, այլ միայն տեսիլ։

Ոչ հիվանդությանս ժամանակ և ոչ էլ առաջ ես դեռ երբեք, ոչ մի անգամ ոչ մի ուրվական չէի տեսել, բայց ինձ միշտ թվացել է, երբ դեռ փոքր տղա էի, և նույնիսկ հիմա, այսինքն՝ նորերս, որ եթե գեթ մի անգամ ուրվական տեսնեմ, տեղնուտեղը կմեռնեմ, նույնիսկ չնայած նրան, որ ոչ մի ուրվականի չեմ հավատում։ Բայց երբ մտքովս անցավ, որ դա Ռոգոժինը չէ, այլ միայն ուրվական է, ապա, հիշում եմ, բոլորովին չվախեցա։ Դեռ ավելին, նույնիսկ բարկացա դրա վրա։ Տարօրինակ է և այն, որ ինձ մի տեսակ այնքան էլ չէր զբաղեցնում ու անհանգստացնում ինչպես, թվում է, դա պետք է լիներ, այն հարցի լուծումը՝ ուրվակա՞ն է արդյոք, թե Ռոգոժինն ինքը, ինձ թվում է, որ այն ժամանակ ինչ֊որ ուրիշ բանի մասին էի մտածում։ Ինձ, օրինակ, շատ ավելի էր զբաղեցնում այն հարցը, թե ինչու Ռոգոժինը, որ առավոտյան տնային գիշերազգեստով ու տնային կոշիկներով էր, հիմա ֆրակով է, սպիտակ ժիլետով ու սպիտակ փողկապով։ Գլխովս անցնում էր նաև այս միտքը՝ եթե դա ուրվական է, և ես նրանից չեմ վախենում, ապա ինչո՞ւ տեղիցս վեր չկենամ, չմոտենամ նրան ու չհամոզվեմ։ Ասենք, գուցե ես չէի համարձակվում նույնիսկ վախենալ։ Բայց հենց որ մտածեցի, թե վախենում եմ, կարծես հանկարծ սառույց քսեցին ամբողջ մարմնիս, ցուրտ զգացի մեջքիս և ծնկներս դողացին։ Այդ նույն վայրկյանին, կարծես կռահելով, որ ես վախենում եմ, Ռոգոժինը ետ տարավ ձեռքը, որի վրա հենվել էր, շտկվեց և սկսեց բերանը շարժել, կարծես պատրաստվում էր ծիծաղել, նա շեշտակի նայում էր ինձ։ Այնպես կատաղեցի, որ ուղղակի ուզում էի հարձակվել նրա վրա, բայց քանի որ երդվել էի, որ առաջինը ես չեմ սկսի խոսել, ապա մնացի մահճակալի վրա, մանավանդ որ դեռևս համոզված չէի՝ արդյոք դա Ռոգոժինն ի՞նքն է, թե ոչ։

Հաստատ չեմ հիշում, թե դա ինչքան տևեց, հաստատ չեմ հիշում նաև, արդյոք երբեմն մի քանի րոպե ուշակորույս լինո՞ւմ էի, թե ոչ։ Միայն, վերջապես, Ռոգոժինը վեր կացավ, նույնպես դանդաղ և ուշադիր զննեց ինձ, ինչպես և առաջ, երբ ներս էր մտել, բայց քմծիծաղ տալը դադարեցրեց և կամացուկ, համարյա թաթերի ծայրին, դռանը մոտեցավ, բացեց, վրա քաշեց ու դուրս եկավ։ Ես անկողնից վեր չկացա. չեմ հիշում, էլի որքան ժամանակ պառկած մնացի, բաց աչքերով և շարունակ մտածում էի. աստված գիտի, թե ինչի մասին էի մտածում, չեմ հիշում նաև, թե ինչպես քնով անցա։ Հաջորդ առավոտյան ես արթնացա, երբ դուռս բախեցին, ժամը տասին մոտ։ Մենք այնպես ենք պայմանավորվել, որ եթե մինչև ժամը տասի կողմը ինքս բաց չանեմ դուռը և չբղավեմ, որ ինձ թեյ տան, ապա Մատրյոնան ինքը պետք է բախի դուռը։ Երբ դուռը բաց արի նրա առաջ, իսկույն գլխովս մի միտք անցավ. ինչպե՞ս կարող էր Ռոգոժինը մտնել, երբ դուռը կողպած էր։ Ես տեղեկացա և համոզվեցի, որ իսկական Ռոգոժինի համար ներս մտնելն անհնար էր, որովհետև մեր բոլոր դռները գիշերը փակվում են կողպեքով։

Ահա այսպես մանրամասնորեն նկարագրած հենց այս առանձնահատուկ դեպքը պատճառ եղավ, որ ես բոլորովին «վճռեցի»։ Նշանակում է, վերջնական վճռին նպաստեց ոշ թե տրամաբանությունը, ոչ թե տրամաբանական համոզմունքը, այլ նողկանքը։ Չի կարելի մնալ այն կյանքում, որն ընդունում է այդպիսի տարօրինակ, ինձ վիրավորող ձևեր։ Այդ տեսիլն ինձ ստորացրեց։ Ես անզոր եմ ենթարկվել մորմի տեսք ընդունած խավար ուժին։ Եվ միայն այն ժամանակ, երբ ես, արդեն մթնշաղին, վերջապես իմ մեջ զգացի լիակատար վճռականության վերջնական րոպեն, թեթևություն զգացի։ Դա միայն առաջին փուլն էր. հաջորդ փուլի համար ես գնացի Պավլովսկ, բայց դա արդեն բավականաչափ բացատրված է։

VII

«Ես մի փոքրիկ գրպանի ատրճանակ ունեի, դա ձեռք էի բերել, երբ դեռ երեխա էի, այն ծիծաղելի տարիքում, երբ հանկարծ սկսում են դուր գալ պատմությունները մենամարտերի, ավազակների հարձակումների մասին, այն մասին, թե ինչպես ինձ էլ մենամարտի կկանչեն և ինչպես վեհորեն կկանգնեմ ատրճանակի առաջ։ Այն արկղում, որտեղ ատրճանակս էր դրված, գտնվեց երկու գնդակ, իսկ վառոդի եղջյուրի մեջ մի երեք լիցքի վառոդ։ Այդ ատրճանակը անպետք բան է, կրակում է շեղ և դիպչում է միայն տասնհինգ քայլի վրա, բայց, իհարկե, կարող է գանգը մի կողմ շուռ տալ, եթե փողը ուղիղ քունքիդ դնես։

Ես որոշել եմ մեռնել Պավլովսկում, արևածագին և իջնելով զբոսայգին, որպեսզի ոչ ոքի չանհանգստացնեմ ամառանոցում։ Իմ «Բացատրությունը» ամբողջ գործը բավականաչափ կբացատրի ոստիկանությանը։ Հոգեբանության սիրահարները և նրանք, ում հարկավոր է, ինչ ուզենան, կարող են հետևցնել նրանից։ Սակայն ես չէի ցանկանա, որ այս ձեռագիրը հրապարակվեր։ Խնդրում եմ իշխանին մի օրինակ պահել իր մոտ և մի օրինակը հանձնել Ագլայա Իվանովնա Եպանչինային։ Այդպես է իմ կամքը։ Դիակս կտակում եմ բժշկական ակադեմիային գիտական օգուտի համար։

Ես ինձ վրա դատավորներ չեմ ճանաչում և գիտեմ, որ հիմա ամեն մի դատարանի իշխանությունից դուրս եմ։ Դեռ վերջերս մի ենթադրություն ծիծաղս շարժեց. ի՞նչ կլիներ, եթե հանկարծ խելքիս փչեր հիմա որևէ մեկին սպանել, թեկուզ միանգամից տասը հոգու, կամ թե մի ամենասարսափելի բան անեի, ինչ որ ամենասարսափելին է համարվում այս աշխարհում, ապա իմ առաջ ի՞նչ անհարմար վիճակի մեջ կընկներ դատարանը իմ երկու-երեք շաբաթվա ժամկետով և տանջանքների ու խոշտանգումների ոչնչացմամբ։ Ես բարեհարմար վիճակում կմեռնեի նրանց հիվանդանոցում, տաք սենյակում և ուշադիր բժշկով, և, գուցե, շատ ավելի բարեհարմար ու տաք, քան սեփական տանս։ Չեմ հասկանում, ինչու իմ վիճակում գտնվող մարդկանց գլխով էլ այսպիսի միտք չի անցնում, թեկուզև միայն ի սեր կատակի։ Ասենք, գուցե և անցնում է. ուրախ մարդիկ մեզանում էլ շատ կգտնվեն։

Բայց եթե անգամ ես դատարան չեմ ճանաչում ինձ վրա, համենայն դեպս գիտեմ, որ ինձ կզատեն, երբ ես արդեն խուլ ու անձայն պատասխանող կլինեմ։ Չեմ ուզում հեռանալ առանց պատասխանի խոսք թողնելու, ազատ, այլ ոչ թե հարկադրական խոսք, ոչ թե արդարանալու համար, ո՜չ. ես ոչ ոքից և ոչնչի համար ներողություն խնդրելու բան չունեմ, այլ այնպես, որովհետև ինքս եմ ուզում դա։

Այստեղ նախ և առաջ մի տարօրինակ միտք է առաջանում. ո՞ւմ մտքով կանցներ, հանուն ո՞ր իրավունքի, հանուն ի՞նչ մղումի այժմ ինձ հետ վիճել և ժխտել այդ երկու-երեք շաբաթվա ժամկետի իմ իրավունքը։ Այստեղ ո՞ր դատարանի ինչ գործն է։ Ո՞ւմ է պետք, որ ես ոչ միայն դատապարտվեի, այլև բարեբարո համբերությամբ դիմանայի դատապարտության ժամկետին։ Մի՞թե հիրավի դա որևէ մեկին պետք է։ Բարոյականությա՞ն համար։ Ես դեռ հասկանում եմ, որ եթե փթթուն առողջությամբ և ուժերով լեցուն վիճակում ոտնձգություն անեի կյանքիս դեմ, որը «կարող էր օգտակար լինել մերձավորիս» և այլն, ապա, ըստ հնամոլ բարքերի, բարոյականությունը դեռ կարող էր ինձ կշտամբել նրա համար, որ առանց հարցնելու տնօրինել եմ կյանքս, կամ ինչի համար որ ինքը կուզի։ Իսկ հիմա, հիմա, երբ ինձ արդեն կարդացել են դատավճռի ժամկե՞տը։ Էլ ի՞նչ բարոյականություն է պետք, բացի ձեր կյանքից և վերջին խռխռոցից, որով կտաք ձեր կյանքի վերջին ատոմը, ունկնդրելով իշխանի մխիթարանքներին, որը իր քրիստոնեական ապացույցներում անպայման կհասնի այն երջանիկ մտքին, որ ըստ էության նույնիսկ ավելի լավ է, որ մեռնում ենք։ (Նրա նման քրիստոնյաները միշտ հասնում են այդ մտքին, դա նրանց սիրած բանն է)։ Եվ ի՞նչ են ուզում նրանք իրենց ծիծաղելի «պավլովսկյան ծառերով»։ Քաղցրացնել կյանքիս վերջին ժամե՞րը։ Մի՞թե նրանց համար հասկանալի չէ, որ որքան ավելի մոռացության տրվեմ, որքան ավելի անձնատուր լինեմ կյանքի ու սիրո այդ վերջին ուրուին, որոնցով նրանք ուզում են ինձնից ծածկել իմ Մեյերի պատը, և այն ամենը, ինչ գրված է նրա վրա այնպես անկեղծ ու պարզասրտորեն, այնքան ավելի դժբախտ կդարձնեն ինձ։ Իմ ինչի՞ն է պետք ձեր բնությունը, ձեր պավլովսկյան զբոսայգին, ձեր արևածագերն ու մայրամուտները, ձեր կապույտ երկինքը և ամեն ինչից գոհ ձեր դեմքերը, եթե այդ ողջ խնջույքը, որը վախճան չունի, նրանով սկսեց, որ միայն ինձ համարեց ավելորդ։ Ինչի՞ս է պետք այս ամբողջ գեղեցկությունը, երբ ես ամեն րոպե, ամեն վայրկյան հիմա պետք է և հարկադրված եմ գիտենալ, որ նույնիսկ ահա այս պստլիկ մժղուկը, որը հիմա տզտզում է ինձ մոտ արևի ճառագայթի մեջ, նույնիսկ նա մասնակից է այս ամբողջ խնջույքին ու խմբին, գիտի իր տեղը, սիրում է այն ու երջանիկ է, և մենակ ես եմ վիժվածք, և միայն փոքրոգությանս պատճառով մինչև հիմա չէի ուգամ դա հասկանալ։ Օ, չէ որ ես գիտեմ, թե ինչպես կուզենային իշխանը և բոլոր նրանք ինձ այնտեղ հասցնել, որ ես էլ, այս բոլոր «խարդախ ու չար» խոսքերի փոխարեն բարեբարոյությունից դրդված և բարոյականության հաղթանակի համար երգեի Միլվուայի հանրահայտ ու կլասիկ բանաստեղծության տունը.

О, puissent voir votre beauté sacrée
Tant d’amis sourds à mes adieux!
Qu’ils meurent pleins de jours, que leur mort soit pleurée,
Qu’un ami leur ferme les yeux![29]

Բայց հավատացեք, հավատացեք, պարզասիրտ մարդիկ, որ այդ բարեբարո բանաստեղծական տան մեջ էլ, ֆրանսիական բանաստեղծության՝ աշխարհին ուղղած այս ակադեմիական օրենքի մեջ էլ այնքան թաքուն մաղձ կա, այնքան ինքն իրեն հաճույք պատճառող հանգավոր չարություն, որ նույնիսկ բանաստեղծն ինքը, գուցե, անհարմար դրության մեջ է ընկել և այդ չարությունը խանդաղատանքի արցունքի տեղ է դրել ու այդպես էլ մեռել. հանգի՜ստ նրա աճյունին։ Գիտցեք, որ սեփական ոչնչությունն ու վատուժությունը գիտակցելու ամոթալի այնպիսի սահման կա, որից այն կողմ արդեն մարդ չի կարող գնալ և ահա սկսում է իր բուն խայտառակությունից հսկայական բավականություն զգալ․․․ Դե, իհարկե, այդ իմաստով խոնարհվելը հսկայական ուժ է, ես այդ ընդունում եմ, թեև ոչ այն իմաստով, ինչ իմաստով որ կրոնը խոնարհվելը համարում է ուժ։

Կրո՜նը։ Հավիտենական կյանքը ես հնարավոր եմ համարում և, գուցե, միշտ էլ համարում էի։ Թող որ գեղեցկությունը վառվել է բարձրագույն ուժի կամքով, թող որ այդ կամքը նայել է աշխարհին ու ասել՝ «ես կա՛մ», և թող որ հենց այդ բարձրագույն ուժը հանկարծ գիտակցությանը պատվիրագրել է ոչնչանալ, որովհետև չգիտես ինչու և նույնիսկ առանց բացատրության՝ թե ինչու, դա պետք է, թո՛ղ, ես այդ բոլորը հնարավոր եմ համարում, բայց դարձյալ նույն հավիտենական հարցը. ընդսմին ինչո՞ւ է անհրաժեշտ իմ հնազանդվելը։ Մի՞թե չի կարելի ինձ ուղղակի ուտել առանց ինձնից գովասանք պահանջելու նրա հասցեին, ինչը ինձ կերավ։ Մի՞թե իրոք այնտեղ որևէ մեկը կվիրավորվի, որ ես չեմ ուզում սպասել երկու շաբաթ, չեմ հավատում դրան, և եթե կուզեք, շատ ավելի ուղիղ կլինի ենթադրել, որ այստեղ պետք է եկել իմ չնչին կյանքը, հյուլեի կյանքը, ամբողջովին ինչ-որ համընդհանուր ներդաշնակության լրացման համար, ինչ֊որ պլյուսի ու մինուսի համար, մի որևէ կոնտրաստի համար և այլն, և այլն, ճիշտ այնպես, ինչպես ամենայն օր պետք է գալիս բազմաթիվ էակների կյանքը, առանց որոնց մահվան մնացած աշխարհը չի կարող կանգուն մնալ (թեև պետք է նկատել, որ սա ինքնըստինքյան այնքան էլ մեծահոգի միտք չէ)։ Բայց թո՛ղ։ Ես համաձայն եմ, որ առանց մշտապես միմյանց ուտելու ոչ մի կերպ հնարավոր չէր կառուցել աշխարհը, ես նույնիսկ համաձայն եմ ենթադրել, որ ոչինչ չեմ հասկանում այդ կառուցվածքում, բայց փոխարենը ահա ինչ գիտեմ հաստատ. եթե մի անգամ արդեն ինձ տվել են այն գիտակցությունը, որ «ես կամ», ապա իմ ի՞նչ գործն է, թե աշխարհը կառուցված է սխալներով և որ այլ կերպ նա չի կարող կանգուն մնալ։ Դրանից հետո այդ ո՞վ և ինչի՞ համար պետք է ինձ դատի։ Ինչպես կուզեք, այս բոլորը անհնար է ու անարդարացի։

Մինչդեռ ես երբեք, չնայած նույնիսկ ողջ ցանկությանս, չեմ կարողացել պատկերացնել, որ ապագա կյանք և նախախնամություն չկա։ Ամենից ճիշտն այն է, որ այդ ամենը կա, բայց մենք ոչինչ չենք հասկանում ապագա կյանքից և նրա օրենքներից։ Բայց եթե դա այդպես դժվար է և նույնիսկ բոլորովին անհնար է հասկանալ, ապա մի՞թե ես պետք է պատասխան տամ նրա համար, որ անկարող էի հասկանալ անիմանալին։ Ճիշտ է, նրանք ասում են, և իհարկե, իշխանն էլ նրանց հետ, որ հենց այստեղ է պետք հնազանդությունը, որ հնազանդվել պետք է առանց դատողությունների, լոկ միայն բարեբարոյությունից և որ իմ հեզության փոխարեն ես անպայման կվարձատրվեմ այն աշխարհում։ Մենք սաստիկ ստորացնում ենք նախախնամությունը, նրան վերագրելով մեր հասկացությունները, զայրույթից, որ չենք կարող հասկանալ նրան։ Բայց դարձյալ, եթե անհնար է նրան հասկանալը, ապա, կրկնում եմ, դժվար է նաև պատասխան տալ այն բանի համար, ինչն անկարող է մարդը հասկանալ։ Իսկ եթե այդպես է, հապա ինչպե՞ս կարող են ինձ դատել այն բանի համար, որ ես չէի կարող հասկանալ նախախնամության իսկական կամքն ու օրենքները։ Ոչ, ավելի լավ է թողնենք կրոնը։

Համ էլ բավական է։ Երբ այս տողերին հասնեմ, հավանաբար արդեն կծագի արևը և «կերգի արփին», և ամբողջ ընդարեգնյա աշխարհում կհորդի վիթխարի, անչափելի մի ուժ։ Թո՛ղ։ Ես կմեռնեմ ուղղակի նայելով ուժի ու կյանքի աղբյուրին, և չեմ ցանկանա այդ կյանքը։ Եթե ես չծնվելու իշխանությունն ունենայի, ապա հավանաբար չէի ընդունի գոյությունը այսպիսի ծաղրալի սկզբունքներով։ Բայց ես դեռ ունեմ մեռնելու իշխանությունը, թեև վերադարձնում եմ արդեն ինձ տրվածը։ Մի մեծ իշխանության չէ, ոչ էլ մեծ ըմբոստացում։

Մի վերջին բացատրություն. ես մեռնում եմ բոլորովին էլ ոչ նրա համար, որ անկարող եմ տանել այս երեք շաբաթը. օ, իմ ուժը կպատեր, և եթե ուզենայի, ապա արդեն բավականաչափ մխիթարված կլինեի լոկ ինձ հասցրած վիրավորանքի գիտակցումից. բայց ես ֆրանսիացի բանաստեղծը չեմ և չեմ ուզում այդպիսի մխիթարանքներ։ Եվ վերջապես գայթակղությունը. բնությունն այն աստիճան է սահմանափակել իմ գործողությունն իր դատավճռի երեք շաբաթով, որ, գուցե, ինքնասպանությունը միակ գործն է, որը ես դեռ կարող եմ սկսել ու ավարտել սեփական կամքովս։ Ի՛նչ կա որ, գուցե ես հենց ուզում եմ օգտվել գործ անելու վերջին հնարավորությունի՞ց։ Բողոքը երբեմն փոքր գործ չէ...»։

«Բացատրությունն» ավարտված էր, Իպոլիտը, վերջապես կանգ առավ...

Ծայրահեղ դեպքերում լինում է ցինիկ անկեղծության այն վերջին աստիճանը, երբ գրգռված և իր չափը կորցրած ջղային մարդը արդեն ոչնչից չի վախենում և պատրաստ է թեկուզ ամեն մի սկանդալի, նույնիսկ ուրախ է դրա համար, հարձակվում է մարդկանց վրա, ընդսմին անորոշ, բայց հաստատ նպատակ ունենալով անպայման մի րոպե անց ցած գլորվել զանգակատնից և դրանով միանգամից լուծել բոլոր տարակուսանքները, եթե այդ ժամանակ այդպիսիք լինեին։ Սովորաբար այդպիսի վիճակի նշանը լինում է նաև ֆիզիկական ուժերի վերահաս սպառումը։ Մինչև հիմա Իպոլիտին պահող արտակարգ, գրեթե անբնական լարումը հասել էր այդ վերջին աստիճանին։ Ինքնըստինքյան այդ տասնութամյա, հիվանդությունից հյուծված տղան թվում էր թույլ, ինչպես ծառից պոկված դողդոջուն տերև, բայց հենց որ նա հայացքը հածեց իր ունկնդիրների վրա,— առաջին անգամ ամբողջ վերջին ժամվա ընթացքում,— ապա անմիջապես ամենամեծամիտ, ամենաարհամարհական ու վիրավորական նողկանք արտահայտվեց նրա հայացքում և ժպիտի մեջ։ Նա շտապում էր իր մարտահրավերը հայտնելու։ Բայց ունկնդիրներն էլ կատարելապես վրդովված էին։ Բոլորն աղմուկով ու սրդողած վեր էին կենում սեղանի մոտից։ Հոգնածությունը, գինին, լարվածությունը սաստկացնում էին տպավորությունների անկարգությունն ու կարծես թե կեղտը, եթե կարելի է այսպես արտահայտվել։

Հանկարծ Իպոլիտն արագ վեր թռավ աթոռից, կարծես տեղից պոկվեց։

— Արևը՜ ծագեց,— բղավեց նա, տեսնելով ծառերի փայլող կատարները և դրանք ցույց տալով իշխանին, ինչպես հրաշք,— ծագե՜ց։

— Իսկ դուք կարծում էիք չի՞ ծագի, ինչ է,— նկատեց Ֆերդիշչենկոն։

— Նորից անտանելի շոգ ամբողջ օրը,— անփույթ բարկությամբ փնթփնթաց Գանյան, գլխարկը ձեռքին բռնած, ճմլկոտալով ու հորանջելով,— բա որ ամբողջ ամիս այսպիսի երաշտ լինի՜... Գնո՞ւմ ենք, թե չէ, Պտիցին։

Իպոլիտը ականջ էր դնում ապշության հասնող զարմանքով. հանկարծ նա սարսափելի գունատվեց և, ամբողջովին ցնցվեց։

— Դուք շատ ապաշնորհ եք ձևացնում ձեր անտարբերությունը, որպեսզի ինձ վիրավորեք,— խոսքն ուղղեց նա Գանյային, շեշտակի նայելով նրան,— դուք սրիկա՛ եք։

— Դե, սա արդեն սատանան գիտի, թե ինչ է, կոճակներն այդպես արձակե՜լ,— պոռաց Ֆերդիշչենկոն,— սա ի՞նչ ֆենոմենալ վատուժությո՜ւն է։

— Ուղղակի հիմար է,— ասաց Գանյան։

Իպոլիտը փոքր֊ինչ հավաքեց ինքն իրեն։

— Ես հասկանում եմ, պարոնայք,— սկսեց նա, առաջվա պես դողալով ու դեմ ընկնելով ամեն բառին,— որ կարող էի արժանանալ ձեր անձնական վրիժառությանը, և․․․ ափսոսում եմ, որ ձեզ տանջեցի այդ զառանցանքով (նա ցույց տվեց ձեռագիրը), բայց, ասենք, ափսոսում եմ, որ ամբողջովին չտանջեցի... (նա հիմարավուն ժպտաց), տանջեցի՞, Եվգենի Պավլովիչ,— հանկարծ նրան դիմեց նա իր հարցով,— տանջեցի՞, թե ոչ։ Ասացեք։

— Ձգձգված է մի քիչ, բայց և այնպես...

— Ասացեք ամեն ինչ։ Մի ստեք գեթ մի անգամ ձեր կյանքում,— դողում ու հրամայում էր Իպոլիտը։

— Օ, ինձ համար բոլորովին մեկ է։ Շնորհ արեք, խնդրեմ, հանգիստ թողնել ինձ,— զզվանքով մի կողմ շրջվեց Եվգենի Պավլովիչը։

— Բարի գիշեր, իշխան,— իշխանին մոտեցավ Պտիցինը։

— Նա հիմա ինքնասպանություն կգործի, այդ ի՜նչ եք անում։ Նայեցեք նրան,— բղավեց Վերան և սաստիկ վախեցած նետվեց դեպի Իպոլիտը և նույնիսկ բռնեց նրա ձեռքը,— ախր նա ասաց, որ արևածագին ինքնասպանություն կգործի, դուք ի՜նչ եք անում։

— Չի՜ գործի,— չարախնդությամբ մրթմրթացին մի քանի ձայներ, այդ թվում Գանյան։

— Պարոնայք, զգուշացեք,— բղավեց Կոլյան, նույնպես բռնելով Իպոլիտի ձեռքը,— դուք միայն նայեցեք նրան։ Իշխա՜ն։ Իշխա՜ն։ Ի՜նչ եք կանգնել։

Իպոլիտի շուրջը խմբվեցին Վերան, Կոլյան, Կելլերը և Բուրդովսկին. բոլոր չորսը ձեռներով բռնեցին նրան։

— Նա իրավունք ունի, իրավո՜ւնք...— մրթմրթում էր Բուրդովսկին, ի դեպ, նույնպես բոլորովին ինքն իրեն կորցրած։

— Թույլ տվեք, իշխան, ի՞նչ կարգադրություն կանեք,— իշխանին մոտեցավ Լեբեդևը հարբած և լկտիության աստիճան չարացած։

— Ի՞նչ կարգադրություններ։

— Ո՛չ, թույլ տվեք, ես եմ տանտերը, թեև չեմ ուզում անտեսել հարգանքս դեպի ձեզ։ Ենթադրենք, որ դուք էլ տանտեր եք, բայց ես չեմ ուզում, որ իմ սեփական տան մեջ այսպես... Այսպե՛ս։

— Ինքնասպանություն չի գործի, գժություն է անում անպիտան տղան,— զայրույթով ու ապլոմբով անսպասելիորեն բղավեց գեներալ Իվոլգինը։

— Այ քեզ գեներա՜լ,— վրա բերեց Ֆերդիշչենկոն։

— Գիտեմ որ չի գործի, գեներալ, մեծարգո գեներալ, բայց և այնպես... որովհետև ես տանտերն եմ։

— Լսեցեք, պարոն Տերենտև,— ասաց հանկարծ Պտիցինը, հրաժեշտ տալով իշխանին և ձեռքը մեկնելով Իպոլիտին,— դուք, կարծեմ, ձեր տետրակում խոսում եք ձեր կմախքի մասին և այն կտակում եք ակադեմիայի՞ն։ Այդ դուք ձեր կմախքի՞, ձեր սեփակա՞ն, այսինքն՝ ձեր ոսկորնե՞րն եք կտակում։

— Այո, իմ ոսկորները...

— Բանն էլ հենց այդ է։ Թե չէ ախր կարելի է սխալվել. ասում են, արդեն եղել է այդպիսի դեպք։

— Ի՜նչ եք ծաղրում նրան,— հանկարծ գոչեց իշխանը։

— Մինչև իսկ լացացրիք,— ավելացրեց Ֆերդիշչենկոն։

Բայց Իպոլիտը բոլորովին էլ չէր լալիս։ Նա տեղից շարժվեց, բայց նրան շրջապատած չորս հոգին հանկարծ միանգամից բռնեցին նրա ձեռքերը։ Լսվեց ծիծաղ։

— Հենց այնպես էլ անում էր, որ ձեռքերը բռնեն, դրա համար էլ կարդաց տետրակը,— նկատեց Ռոգոժինը։— Մնաս բարով, իշխան։ Էխ, ինչքան նստեցինք. ոսկորներս ցավեցին։

— Եթե իրոք ուզում էիք ինքնասպանություն գործել, Տերենտև,— ծիծաղեց Եվգենի Պավլովիչը,— ապա ձեր տեղը լինեի, այսպիսի հաճոյախոսություններից հետո դիտմամբ չէի գործի, որպեսզի նրանց ձեռք առնեի։

— Նրանք շատ են ուզում տեսնել, թե ես ինչպես ինքնասպան կլինեմ,— նրա վրա պրծավ Իպոլիտը։

Նա խոսում էր կարծես հարձակվելով։

— Նրանք չարանում են, որ չեն տեսնի։

— Ուրեմն դո՞ւք էլ կարծում եք, որ չեն տեսնի։

— Ես ձեզ չեմ հրահրում. ես, ընդհակառակը, կարծում եմ, շատ հնարավոր է, որ կգործեք ինքնասպանություն։ Գլխավորը, մի բարկացեք,— ծոր տվեց Եվգենի Պավլովիչը, հովանավորող տոնով ձգելով իր բառերը։

— Ես միայն հիմա եմ տեսնում, որ սարսափելի սխալ գործեցի, նրանց համար կարդալով այս տետրը,— ասաց Իպոլիտը, հանկարծ այնպիսի դյուրահավատոէթյամբ նայելով Եվգենի Պավլովիչին, որ կարծես ընկերոջից բարեկամական խորհուրդ էր խնդրում։

— Ծիծաղաշարժ դրություն է, բայց... իսկապես, չգիտեմ ինչ խորհուրդ տամ ձեզ,— ժպտալով պատասխանեց Եվգենի Պավլովիչը։

Իպոլիտը խստահայաց, շեշտակի նայում էր նրան, առանց աչքը կտրելու, և լռում էր։ Կարելի էր կարծել, որ ժամանակ առ ժամանակ նա բոլորովին ինքնամոռացության գիրկն էր ընկնում։

— Ո՛չ, թո՛ւյլ տվեք, ախր ձևը ինչպիսի՜ ձև է,— խոսեց Լեբեդևը,— «ինքնասպանություն կգործեմ, այսինքն, զբոսայգում, որպեսզի ոչ ոքի չանհանգստացնե՜մ»։ Այդ նա կարծում է, թե ոչ ոքի չի անհանգստացնի, եթե սանդուղքից երեք աստիճան ցած իջնի այգի։

— Պարոնայք...— սկսեց իշխանը։

—- Ոչ, թույլ տվեք, մեծարգո իշխան,— կատաղորեն կպավ Լեբեդևը,— քանի որ դուք ինքներդ բարեհաճում եք տեսնել, որ սա կատակ չէ, և քանի որ ձեր հյուրերի առնվազն կեսը նույն կարծիքին է, և համոզված են, որ հիմա, այստեղ արտասանած խոսքերից հետո, նա անպայման պետք է ինքնասպանություն գործի պատվից դրդված, ապա ես տանտեր եմ և վկաների ներկայությամբ հայտարարում եմ, որ ձեզ հրավիրում եմ օժանդակելու։

— Իսկ ի՞նչ է հարկավոր անել, Լեբեդև։ Ես պատրաստ եմ ձեզ օժանդակելու։

— Ահա թե ինչ. նախ և առաջ, որ նա անմիջապես հանձնի իր ատրճանակը, որով նա պարծենում էր մեր առաջ, իր բոլոր պարագայքով հանդերձ։ Եթե հանձնի, ապա ես համաձայն եմ, որ նրան թույլ տրվի այս գիշեր այս տանը գիշերել, նկատի ունենալով նրա հիվանդագին վիճակը, պայմանով միայն, որ իմ հսկողության տակ լինի։ Բայց վաղը թող անպայման գնա ուր որ կամենա, ներեցեք, իշխան։ Իսկ եթե զենքը չի հանձնի, ապա ես անմիջապես, հենց հիմա, բռնում եմ նրա ձեռքերը, մեկը՝ ես, մյուսը՝ գեներալը, և անմիջապես մարդ կուղարկեմ ոստիկանությանն իմաց տալու, և այն ժամանակ արդեն գործը կանցնի ոստիկանության հայեցողությանը։ Պարոն Ֆերդիշչենկոն, իբրև ծանոթ, կգնա։

Աղմուկ բարձրացավ. Լեբեդևը տաքանում և արդեն չափն անց էր կացնում, Ֆերդիշչենկոն պատրաստվեց ոստիկանատուն գնալու, Գանյան մոլեգնորեն պնդում էր, որ ոչ ոք ինքնասպանություն չի գործի, Եվգենի Պավլովիչը լռում էր։

— Իշխան, երբևէ զանգակատնից ցած գլորվե՞լ եք,— հանկարծ նրան շշնջաց Իպոլիտը։

— Ո֊ոչ...— միամտորեն պատասխանեց իշխանը։

— Մի՞թե կարծում եք, թե ես չէի նախատեսում այս ամբողջ ատելությունը,— նորից շշնջաց Իպոլիտը, աչքերը պսպղացնելով և նայելով իշխանին, կարծես իսկապես էլ նրանից պատասխան էր սպասում։— Բավական է,— բղավեց նա հանկարծ ամբողջ հասարակության վրա,— ես մեղավոր եմ... բոլորից ավելի՜։ Լեբեդև, ահա բանալին (նա հանեց դրամապանակը և նրա միջից մի պողպատե օղակ երեք թե չորս փոքրիկ բանալիներով), ահա սա է, նախավերջինը... Կոլյան ձեզ ցույց կտա... Կո՜լյա։ Ո՞ւր է Կոլյան,— բղավեց նա Կոլյային նայելով ու չտեսնելով նրան,— այո... ահա նա ձեզ ցույց կտա. նա քիչ առաջ ինձ հետ էր դասավորում պայուսակը... այս փոքրիկ բանալիով, ցածր, փոքրիկ սնդուկում է... իմ ատրճանակն ու վառոդով եղջյուրը։ Այն ժամանակ նա ինքը դասավորեց, պարոն Լեբեդև, նա ձեզ ցույց կտա, բայց պայմանով, որ վաղն առավոտյան, երբ ես Պետերբուրգ մեկնեմ, ետ տաք ատրճանակս։ Լսո՞ւմ եք, սա ես անում եմ իշխանի համար, ոչ թե ձեզ համար։

— Այ այսպես ավելի լա՜վ է,— բանալին չանթեց Լեբեդևը և, թունոտ քմծիծաղ տալով, վազեց հարևան սենյակը։

Կոլյան կանգ առավ, ուզեց մի բան ասել, բայց Լեբեդևը նրան քարշ տվեց իր հետևից։

Իպոլիտը նայում էր ծիծաղող հյուրերին, իշխանը նկատեց, որ նրա ատամները կափկափում են, ինչպես ամենասաստիկ դողի ժամանակ։

— Ինչպիսի՜ անպիտաններն են նրանք բոլորը,— նորից կատաղած շշնջաց Իպոլիտը իշխանին։ Երբ նա խոսում էր իշխանի հետ, շարունակ թեքվում ու շշնջում էր։

— Թողեք նրանց, դուք շատ թույլ եք...

— Հիմա, հիմա... հիմա կգնամ։

Հանկարծ նա գրկեց իշխանին։

— Դուք գուցե գտնում եք, որ ես խելագա՞ր եմ,— նայեց նա իշխանին, տարօրինակ ծիծաղելով։

— Ոչ, բայց դուք...

— Հիմա, հիմա, լռեցեք, ոչինչ մի ասեք, կացեք... ես ուզում եմ նայել ձեր աչքերին... կանգնեք այդպես, ես կնայեմ։ Ես հրաժեշտ կտամ Մարդուն։

նա կանգնել և անշարժ ու լուռ նայում էր իշխանին մոտ տասը վայրկյան, խիստ գունատ, քրտինքից թրջված քունքերով և մի տեսակ տարօրինակ ձևով բռնած իշխանի ձեռքը, ասես վախենալով բաց թողնել։

— Իպոլիտ, Իպոլիտ, ձեզ ի՞նչ է պատահել,— գոչեց իշխանը։

— Հիմա... բավական է... ես կպառկեմ։ Ես արևի կենացը կխմեմ մի կում... ես ուզում եմ, ես ուզում եմ, թողե՜ք։

Նա սեղանից արագ վերցրեց բաժակը, պոկվեց տեղից և մի ակնթարթում մոտեցավ պատշգամբի ելքին։ Իշխանը վազեց նրա հետևից, բայց այնպես պատահեց, որ հենց այդ ակնթարթին Եվգենի Պավլովիչը ձեռքը մեկնեց նրան հրաժեշտ տալով։ Անցավ մի վայրկյան, և հանկարծ ընդհանուր աղաղակ լսվեց պատշգամբում։ Ապա վրա հասավ արտասովոր իրարանցման մի րոպե։

Ահա թե ինչ պատահեց.

Ընդհուպ մոտենալով պատշգամբի ելքին, Իպոլիտը կանգ առավ, ձախ ձեռքում բռնած բաժակը և աջ ձեռքը տանելով վերարկուի աջ գրպանը։ Կելլերը հետո հավատացնում էր, որ դեռ առաջ էլ Իպոլիտը այդ ձեռքը շարունակ գրպանում էր պահում, երբ դեռ խոսում էր իշխանի հետ և ձախ ձեռքով բռնում էր նրա ուսը և օձիքը, և որ հենց գրպանում պահած այդ աջ ձեռքն էր, հավատացնում էր Կելլերը, որ իբր նրա մեջ ծնեց առաջին կասկածը։ Ինչ էլ որ լիներ, բայց որոշ անհանգստություն նրան էլ հարկադրել էր վազել Իպոլիտի հետևից։ Բայց նա էլ չէր հասցրել։ Նա միայն տեսել էր, թե ինչպես Իպոլիտի աջ ձեռքում մի բան էր փայլել և ինչպես հենց այդ վայրկյանին գրպանի մի փոքրիկ ատրճանակ հայտնվել էր ուղիղ նրա քունքի մոտ։ Կելլերը նետվել էր բռնելու նրա ձեռքը, բայց հենց նույն վայրկյանին Իպոլիտը իջեցրել էր հրահանը։ Լսվեց հրահանի կտրուկ, չոր ճրթոցը, բայց կրակոց չհաջորդեց։ Երբ Կելլերը գրկեց Իպոլիտին, սա ընկավ նրա ձեռներին, կարծես անզգա, գուցե իրոք երևակայելով, թե ինքն արգեն սպանված է։ Ատրճանակն արդեն Կելլերի ձեռքին էր։ Իպոլիտին բռնեցին, տակը աթոռ դրին, նստեցրին նրան, և բոլորը խմբվեցին շուրջը, բոլորը բղավում էին, բոլորը հարցնում։ Բոլորը լսել էին հրահանի ճրթոցը և տեսնում էին մարդուն ողջ, նույնիսկ առանց չանգռվածքի։ Իպոլիտն ինքը նստել էր առանց հասկանալու, թե ինչ է կատարվում, և շուրջը բոլորին նայում էր անիմաստ հայացքով։ Լեբեդևն ու Կոլյան ներս վազեցին այդ ակնթարթին։

— Չբացվե՞ց,— հարցնում էին իրար։

— Գուցե չի՞ էլ լցրած,— գլխի էին ընկնում ուրիշները։

— Լցրա՜ծ է,— հայտարարեց Կելլերը, զննելով ատրճանակը,— բայց...

— Մի՞թե չբացվեց։

— Հրապատիճ բոլորովին չի եղել,— ազդարարեց Կելլերը։

Նույնիսկ դժվար է պատմել հաջորդած խղճուկ պատկերը։ Նախնական և ընդհանուր վախը արագ սկսեց փոխվել ծիծաղի. մի քանիսը նույնիսկ քրքջացին, դրանում գտնում էին չարախինդ հաճույք։ Իպոլիտը հոնգուր-հոնգուր լալիս էր հիստերիկայի մեջ ընկած, ձեռներն էր կոտրատում, նետվում էր դեպի ամենքը, նույնիսկ դեպի Ֆերդիշչենկոն, բռնեց նրան երկու ձեռքով և երդվում էր նրան, որ ինքը մոռացել է հրապատիճ դնելը, «մոռացել է բոլորովին պատահմամբ, այլ ոչ թե դիտմամբ», որ «այդ հրապատիճները բոլորը այստեղ են, իր ժիլետի գրպանում, մի տասը հատ» (նա ցույց էր տալիս շուրջը բոլորին), որ նա առաջուց չէր դրել, վախենալով գրպանում պատահաբար բացվելուց, թե հույս ուներ, որ միշտ կհասցնի դնել, երբ պետք լինի և հանկարծ մոռացավ։ Նա նետվում էր դեպի իշխանը, դեպի Եվգենի Պավլովիչը, աղաչում էր Կելլերին, որ ետ տան ատրճանակը, որ նա հիմա բոլորին կապացուցի, որ «իր պատիվը, պատիվը...», որ հիմա ինքը «պատվազրկված է առհավե՜տ...»։

Վերջապես նա իրոք ընկավ ուշագնաց։ Նրան տարան իշխանի առանձնասենյակը, և բոլորովին զգաստացած Լեբեդևը անմիջապես ուղարկեց բժշկի հետևից, իսկ ինքը աղջկա, տղայի, Բուրդովսկու և գեներալի հետ մնաց հիվանդի անկողնու մոտ։ Երբ անզգա Իպոլիտին դուրս տարան, Կելլերը կանգնեց սենյակի մեջտեղը և հայտարարեց ի լուր ամենքի, զատելով ու շեշտելով ամեն մի բառը, կատարյալ ոգեշնչմամբ.

— Պարոնայք, եթե ձեզնից որևէ մեկը մի անգամ էլ բարձրաձայն իմ ներկայությամբ կասկած հայտնի, որ նրա պատիճը մոռացված էր դիտմամբ, և պնդի, որ դժբախտ երիտասարդը միայն կատակերգություն էր խաղում, ապա այդպիսին գործ կունենա ինձ հետ։

Բայց նրան չէին պատասխանում։ Վերջապես հյուրերը ցրվեցին խմբովին ու շտապելով։ Պտիցինը, Գանյան և Ռոգոժինը գնացին միասին։

Իշխանը շատ զարմացած էր, որ Եվգենի Պավլովիչը փոխել է իր մտադրությունը և գնում է առանց բացատրվելու։

— Չէ՞ որ դուք ուզում էիք ինձ հետ խոսել, երբ բոլորը ցրվեին,— հարցրեց նա։

— Ճիշտ այդպես,— ասաց Եվգենի Պավլովիչը, հանկարծ նստելով աթոռին և իշխանին նստեցնելով իր կողքին, բայց հիմա ես առժամանակ փոխեցի մտադրությունս։ Խոստովանում եմ ձեզ, որ ես մի քիչ շփոթված եմ, ասենք, դուք նույնպես։ Իմ մտքերը խառնվեցին, բացի այդ, այն, ինչի մասին ուզում եմ բացատրվել ձեզ հետ, ինձ համար չափազանց կարևոր բան է, ասենք, ձեզ համար նույնպես։ Գիտե՞ք ինչ, իշխան, կյանքումս գեթ մի անգամ ուզում եմ բոլորովին ազնիվ գործ անել, այսինքն՝ բոլորովին առանց հետին մտքի, իսկ ես կարծում եմ, որ հիմա, այս րոպեիս, այնքան էլ ընդունակ չեմ միանգամայն ազնիվ գործի, ասենք, թերևս դուք նույնպես... ապա... և... դե, մենք հետո կբացատրվենք։ Գուցե, գործն էլ կշահի պարզության տեսակետից, թե ինձ, թե ձեզ համար, եթե սպասենք այն երեք օրը, որ հիմա կլինեմ Պետերբուրգում։

Այստեղ նա դարձյալ վեր կացավ աթոռից, այնպես որ նույնիսկ տարօրինակ էր, թե էլ ինչու նստեց։ Իշխանին թվաց նաև, որ Եվգենի Պավլովիչը դժգոհ ու գրգռված է և նայում է թշնամաբար, որ նրա հայացքը բոլորովին այն չէ, ինչ քիչ առաջ։

— Ի դեպ, դուք հիմա տառապյալի մո՞տ եք գնում։

— Այո... ես վախենում եմ,— ասաց իշխանը։

— Մի վախեցեք, հավանաբար կապրի մի վեց շաբաթ և նույնիսկ, կարող է պատահել, այստեղ դեռ կկազդուրվի էլ։ Իսկ ամենից լավն է, վռնդեցեք նրան վաղը։

— Գուցե ճի՞շտ որ ես նրան մղեցի այդ քայլին նրանով, որ... ոչինչ չէի ասում, գուցե նա մտածեց, թե ե՞ս էլ կասկածում եմ, որ ինքնասպանություն չի գործի։ Ի՞նչ եք կարծում, Եվգենի Պավլովիչ։

— Չէ֊չէ՜։ Դուք չափազանց բարի եք, որ դեռ հոգում եք։ Ես լսել եմ այդ մասին, բայց երբեք կյանքում չեմ տեսել, թե մարդ ինչպես դիտմամբ ինքնասպանություն է գործում, որ իրեն գովեն, կամ չարությունից, որ իրեն չեն գովում դրա համար։ Գլխավորը, վատուժության այդ անկեղծությանը չէի հավատա։ Իսկ դուք համենայն դեպս նրան վռնդեցեք վաղը։

— Դուք կարծում եք նա մի անգա՞մ էլ ինքնասպանություն կգործի։

— Ոչ, հիմա արդեն չի գործի։ Բայց զգուշացեք մեր այդ տնաբույծ Լասեներներից։ Կրկնում եմ ձեզ, հանցագործությունը չափազանց սովորական ապաստանն է այդ ապաշնորհ, անհամբեր ու ագահ ոչնչության։

— Մի՞թե սա Լասեներ է։

— Էությունը նույնն է, թեև կարող է պատահել, որ տարբեր ամպլուաներ են։ Կտեսնեք, թե այդ պարոնը ընդունակ չէ սպանել տասը հոգի, իսկն ասած միմիայն «կատակի» համար, ճիշտ և ճիշտ ինչպես ինքը քիչ առաջ կարդաց մեզ բացատրության մեջ։ Հիմա նրա այդ խոսքերը չեն թողնի, որ քնեմ։

— Դուք գուցե չափից ավելի եք անհանգստանում։

— Դուք զարմանալի եք, իշխան, չե՞ք հավատում, որ նա հիմա ընդունակ է սպանելու տասը հոգի։

— Ես վախենում եմ ձեզ պատասխանել, այդ բոլորը շատ տարօրինակ է, բայց...

— Դե, ինչպես կուզեք, ինչպես կուզեք,— գրգռված ավարտեց Եվգենի Պավլովիչը,— ըստ որում դուք այնպես խիզախ մարդ եք. միայն թե ինքներդ չընկնեք այդ տասի մեջ։

— Ամենից հավանական է, որ նա ոչ ոքի չի սպանի,— ասաց իշխանը մտախոհ նայելով Եվգենի Պավլովիչին։

Սա չար ծիծաղեց։

— Ցտեսություն, ժամանա՜կն է։ Իսկ դուք նկատեցի՞ք, որ նա իր «Խոստովանության» պատճենը կտակել է Ագլայա Իվանովնային։

— Այո, նկատեցի և... մտածում եմ այդ մասին։

— Դե, տեսեք հա՜, տասը հոգու դեպքում,— նորից ծիծաղեց Եվգենի Պավլովիչը և դուրս եկավ։

Մի ժամ անց, արդեն չորսին մոտ, իշխանը իջավ այգի։ Նա փորձեց քնել տանը, բայց չէր կարող, սրտի ուժգին բաբախումից։ Տանը, սակայն, ամեն ինչ կարգավորված էր և ըստ հնարավորին հանդարտեցված. հիվանդը քնել էր, և ժամանած բժիշկը հայտարարեց, որ ոչ մի առանձին վտանգ չկա։ Լեբեդևը, Կոլյան, Բուրդովսկին քնեցին հիվանդի սենյակում, որպեսզի հերթապահություն անեին, նշանակում է, երկյուղելու բան չկար։

Բայց իշխանի անհանգստությունը րոպե առ րոպե աճում էր։ Նա թափառում էր այգում, մտացրիվ նայելով շուրջը, և զարմանքով կանգ առավ, երբ հասավ կայարանի առջևի հրապարակին և տեսավ դատարկ նստարանների ու գրակալների շարքը նվագախմբի համար։ Նրան ապշեցրեց այդ տեղը և չգիտես ինչու թվաց սարսափելի այլանդակ։ Նա ետ դարձավ և ուղիղ այն ճանապարհով, որով երեկ Եպանչինների հետ կայարան էր գնացել, հասավ մինչև կանաչ նստարանը, որտեղ նրան տեսակցություն էր նշանակված, նստեց նստարանին և հանկարծ բարձրաձայն ծիծաղեց, որից անմիջապես սաստիկ զայրացավ։ Նրա թախիծը շարունակվում էր, նա ուզում էր որևէ տեղ գնալ... չգիտեր, թե ուր։ Նրա գլխավերևում ծառի վրա երգում էր մի թռչնակ, և իշխանն սկսեց աչքերով որոնել նրան տերևների մեջ. հանկարծ թռչնակը թռավ ծառից, և նույն րոպեին չգիտես ինչու իշխանի միտն եկավ այն «մժղուկը» «արևի տաք ճառագայթների մեջ», որի մասին գրում էր Իպոլիտը, թե «նա էլ գիտի իր տեղը և մասնակից է ընդհանուր խմբերգին, իսկ մենակ ինքն է վիժվածք»։ Այս նախադասությունը նրան զարմացրել էր դեռ այն ժամանակ, նա հիմա հիշեց այդ։ Մի վաղուց մոռացված հիշողություն խլրտաց նրա մեջ և հանկարծ միանգամից պարզվեց։

Դա Շվեյցարիայում էր, նրա բուժման առաջին տարին, նույնիսկ առաջին ամիսները։ Այն ժամանակ նա դեռ բոլորովին ապուշի պես էր, նույնիսկ լավ խոսել չէր կարողանում, երբեմն չէր կարողանում հասկանալ, թե ինչ են պահանջում իրենից։ Նա մի անգամ գնաց լեռները, մի պայծառ, արևոտ օր, և երկար շրջում էր գլխում մի տանջալից միտք, որը, սակայն, ոչ մի կերպ չէր մարմնավորվում։ Նրա առաջ փայլուն երկինքն էր, ցածում լիճը, շուրջը լուսավոր ու անծայրածիր հորիզոնը, որը վերջ ու վախճան չունի։ Նա երկար նայում ու տանջվում էր։ Նա հիմա հիշեց, թե ինչպես ինքը տարածել էր ձեռքերը դեպի այդ լուսավոր, անծայրածիր կապույտը և լալիս էր։ Նրան տանջում էր այն, որ ինքը այդ ամենին բոլորովին օտար է։ Այդ ի՞նչ խնջույք է, այդ ի՞նչ մշտական մեծ տոն է, որ վերջ չունի և դեպի որը վաղուց, միշտ, բուն մանկությունից ձգտում է նա և որին ոչ մի կերպ չի կարողանում միանալ։ Ամեն առավոտ ծագում է նույնպիսի պայծառ արև, ամեն առավոտ ջրվեժի վրա ծիածան է կապում, ամեն իրիկուն ձյունածածկ, ամենաբարձր սարը, այնտեղ, հեռվում։ երկնքի ծայրում վառվում է ծիածանի բոցով, ամեն մի «փոքրիկ մժղուկ, որը տզտզում է նրա մոտ արևի տաք ճառագայթի մեջ, այդ ամբողջ խմբերգին մասնակից է, իր տեղը գիտի, սիրում է այն ու երջանիկ է», ամեն մի ծիլ աճում է ու երջանի՜կ է։ Եվ ամեն ինչ իր ճանապարհն ունի, և ամեն ինչ գիտի իր ճանապարհը, երգով է հեռանում և երգով է աշխարհ գալիս. միայն ինքը ոչինչ չգիտի, ոչինչ չի հասկանում, ոչ մարդկանց, ոչ հնչյունները, ամեն ինչին օտար է ու վիժվածք։ Օ, իհարկե, նա այն ժամանակ չէր կարող խոսել այս բառերով և արտահայտել իր հարցը, նա տանջվում էր խուլ ու համր, բայց հիմա նրան թվում էր, որ նա այս ամենն ասում էր և այն ժամանակ, հենց բոլոր այս խոսքերը, և որ այդ «մժղուկի» մասին էլ Իպոլիտը հենց նրանից է վերցրել, նրա այն ժամանակվա խոսքերից ու արցունքներից։ Նա դրանում համոզված էր, և չգիտես ինչու նրա սիրտը բաբախում էր այդ մտքից...

Նա նիրհեց նստարանին նստած, բայց նրա տագնապը շարունակվում էր նաև քնի մեջ։ Քնից անմիջապես առաջ նա հիշեց, որ Իպոլիտը տասը հոգի կսպանի և քմծիծաղ տվեց այդ ենթադրության անհեթեթության վրա։ Նրա շուրջը տիրում էր սքանչելի, պայծառ լռություն, լոկ տերևներն էին սոսափում, որից, կարծես, շուրջը դառնում էր ավելի լռիկ ու մեկուսի։ Նա շատ երազներ տեսավ, բոլորը տագնապալի, որոնցից նա րոպեն մեկ ցնցվում էր։ Վերջապես նրա մոտ մի կին եկավ, նա ճանաչում էր այդ կնոջը, ճանաչում տանջալիորեն, նա միշտ կարող էր նրա անունը տալ ու նշել, բայց տարօրինակ բան, հիմա կարծես նրա դեմքը բոլորովին այն չէր, ինչպես նա գիտեր միշտ, և նա տանջալիորեն չէր ուզում սրան այն կնոջ տեղը դնել։ Այդ դեմքին այնքան զղջում ու սարսափ կար, որ թվում էր, նա սարսափելի ոճրագործուհի էր և հենց նոր մի սարսափելի ոճիր էր գործել։ Արցունքը դողում էր նրա դալուկ այտին, նա ձեռքով կանչեց իշխանին և մատը դրեց շրթունքներին, կարծես զգուշացնելով, որ նա լուռ հետևի իրեն։ Իշխանի սիրտը նվաղեց, նա ոչ մի, ոչ մի գնով չէր ուզում նրան ոճրագործի տեղ դնել, բայց զգում էր, որ հենց հիմա տեղի կունենա մի սարսափելի բան, որը կմնա իր ամբողջ կյանքում։ Այդ կինը, կարծես, նրան ուզում էր մի բան ցույց տալ մոտիկում, հենց այդտեղ՝ այգում։ Իշխանը վեր կացավ, որպեսզի հետևեր նրան, և հանկարծ նրա կողքին հնչեց մեկի պայծառ, թարմ ծիծաղը, մեկի ձեռքը հանկարծ հայտնվեց նրա ձեռքում, նա բռնեց այդ ձեռքը, ամուր սեղմեց ու արթնացավ։ Նրա առաջ կանգնել ու բարձրաձայն ծիծաղում էր Ագլայան։

VIII

Նա ծիծաղումէ բայց և զայրանում էր։

— Քնե՜լ է։ Դուք քնե՞լ էիք,— բացականչեց նա արհամարհական զարմանքով։

— Այդ դո՜ւք եք,— մրթմրթաց իշխանը, դեռ լիովին ուշքի չեկած և զարմացած ճանաչելով նրանախ, հա՞։ Այդ տեսակցությունը... Ես այստեղ քնել էի։

— Տեսա։

— Ինձ ո՞չ ոք չի արթնացրել, բացի ձեզանից։ Բացի ձեզանից այստեղ ո՞չ ոք չի եղել։ Ես կարծում էի, այստեղ եղել է... մի ուրիշ կին...

— Այստեղ եղել է մի ուրիշ կին...

Վերջապես նա բոլորովին սթափվեց։

— Դա լոկ երազ էր,— մտախոհ ասաց նա,— տարօրինակ է, որ մի այսպիսի րոպե այսպիսի երազ... նստեցեք։

Նա բռնեց Ագլայայի ձեռքից ու նստեցրեց նստարանին. ինքը նստեց նրա կողքին ու մտածմունքի մեջ ընկավ։ Ագլայան խոսակցություն չէր սկսում, այլ միայն ուշադիր զննում էր իր զրուցակցին։ Սա էլ նայում էր Ագլայային, բայց երբեմն այնպես, կարծես թե բոլորովին չտեսնելով նրան իր առջև։ Ագլայան սկսեց շիկնել։

— Ախ, հա,— ցնցվեց իշխանը,— Իպոլիտը ինքնասպանություն գործեց։

— Ե՞րբ։ Ձեր տա՞նը,— հարցրեց Ագլայան, բայց առանց մեծ զարմանքի։— Չէ՞ որ կարծեմ երեկ երեկոյան նա դեռ ողջ էր։ Հապա ինչպե՞ս կարող էիք այստեղ քնել այդ բոլորից հետո,— ճչաց նա, հանկարծ աշխուժանալով։

— Ախր նա չմեռավ, ատրճանակը չկրակեց։

Ագլայայի պնդմամբ իշխանը պետք է իսկույն և նույնիսկ մեծ մանրամասնությամբ պատմեր անցած գիշերվա ամբողջ պատմությունը։ Նա րոպեն մեկ շտապեցնում էր նրա պատմությունը, բայց հենց ինքն էլ ընդհատում էր անընդհատ և միշտ կողմնակի հարցերով։ Ի միջի այլոց, նա մեծ հետաքրքրությամբ լսեց այն, թե ինչ էր ասել Եվգենի Պավլովիչը, և նույնիսկ մի քանի անգամ կրկին հարցրեց։

— Դե բավական է, պետք է շաապել,— եզրափակեց նա, ամեն ինչ լսելուց հետո,— ընդամենը մի ժամ ենք լինելու այստեղ, մինչև ժամը ութը, որովհետև ժամը ութին անպայման պետք է տանը լինեմ, որպեսզի չիմանան, թե այստեղ նստած եմ եղել, իսկ ես գործով եմ եկել, ես պետք է շատ բաներ հայտնեմ ձեզ։ Միայն դուք հիմա ինձ բոլորովին շեղեցիք։ Իպոլիտի մասին ես կարծում եմ, որ նրա ատրճանակը այդպես էլ չպետք է կրակեր, դա նրան ավելի է սազում։ Բայց դուք համողվա՞ծ եք, որ նա անպայման ուզում էր ինքնասպան լինել և այստեղ խաբեություն չկար։

— Ո՜չ մի խաբեություն։

— Եվ դա ավելի հավանական է։ Նա այդպես էլ գրե՞լ էր, որ ինձ բերեիք նրա «Խոստովանությունը»։ Հապա ինչո՞ւ չբերեցիք։

— Բայց չէ՞ որ նա չմեռավ։ Ես նրան կհարցնեմ։

— Անպայման բերեք, և կարիք չկա հարցնելու։ Հավանաբար դա նրա համար շատ հաճելի կլինի, որովհետև գուցե նա հենց այն նպատակով էր ինքնասպանություն գործում, որ հետո ես խոստովանությունը կարդայի։ Խնդրում եմ, մի ծիծաղեք իմ խոսքերի վրա, Լև Նիկոլաևիչ, որովհետև դա շատ կարող է այդպես լինել։

— Ես չեմ ծիծաղում, որովհետև ինքս էլ համոզված եմ, որ դա մասամբ շատ կարող է այդպես լինել։

— Համոզվա՞ծ եք։ Մի՞թե դուք էլ եք այդպես կարծում,— հանկարծ սաստիկ զարմացավ Ագլայան։

Նա հարցնում էր հապճեպ, խոսում էր արագ, բայց կարծես երբեմն շփոթվում էր և հաճախ կիսատ էր թողնում, րոպեն մեկ շտապում էր ինչ֊որ բանի մասին նախազգուշացնել, առհասարակ նա արտասովոր տագնապի մեջ էր ու չնայած նայում էր շատ խիզախ ու ինչ֊որ մարտահրավերով, բայց, գուցե, մի քիչ էլ վախենում էր։ Նրա հագին ամենասովորական, հասարակ զգեստ էր, որը նրան շատ էր սազում։ Նա հաճախ ցնցվում էր, շիկնում և նստել էր նստարանի ծայրին։ Իշխանի հաստատումը, թե Իպոլիտը ինքնասպանություն էր գործում, որ Ագլայան կարդա նրա «Խոստովանությունը», շատ զարմացրեց նրան։

— Իհարկե,— բացատրեց իշխանը,— նա ուզում էր, որ բացի ձեզանից, մենք բոլորս էլ գովեինք նրան։

— Այդ ինչպե՞ս գովեիք։

— Այսինքն, դա... ինչպե՞ս ասեմ ձեզ։ Դա շատ դժվար է ասել։ Միայն, հավանաբար, նա ուզում էր, որ բոլորը շրշապատեին նրան և ասեին, որ նրան շատ են սիրում ու հարգում և բոլորը շատ խնդրեին, որ նա ողջ մնա։ Շատ կարող է պատահել, որ ամենից ավելի նա ձեզ նկատի ուներ, որովհետև մի այդպիսի րոպեի ձեզ էր հիշատակել... թեև, գուցե, ինքն էլ չգիտեր, որ ձեզ նկատի ունի։

— Այդ արդեն ես բոլորովին չեմ հասկանում, նկատի ուներ և չգիտեր, որ նկատի ուներ։ Եվ սակայն, կարծես թե, ես հասկանում եմ. գիտե՞ք որ ես ինքս մի երեսուն անգամ, երբ դեռ նույնիսկ տասներեք տարեկան աղջիկ էի, մտածել եմ թունավորվել, և այդ բոլորը նամակով գրել ծնողներիս, և նույնպես մտածում էի, թե ինչպես պառկած կլինեմ դագաղում, և ինչպես բոլորը լաց կլինեն վրաս, իսկ իրենց կմեղադրեն, որ այդպես դաժան են եղել ինձ հետ... ինչո՞ւ եք ժպտում նորից,— արագ ավելացրեց նա, հոնքերը կիտելով,— իսկ դուք ինքնե՞րդ էլի ինչի մասին եք մտածում, երբ միայնակ երազում եք։ Գուցե ձեզ ֆելդմարշալ եք երևակայում, և որ ջախջախել եք նապոլեոնին։

— Դե, ահա, ազնիվ խոսք, ես այդ մասին եմ մտածում, հատկապես երբ քնում եմ,— ծիծաղեց իշխանը,— միայն ես ոչ թե Նապոլեոնին, այլ ավստրիացիներին եմ ջախջախում։

— Ես բոլորովին չեմ ուզում ձեզ հետ կատակել, Լև Նիկոլաևիչ։ Իպոլիտի հետ ես ինքս կտեսնվեմ, խնդրում եմ, նախազգուշացնեք նրան։ Իսկ ձեր կողմից, գտնում եմ, որ այդ ամենը շատ վատ է, որովհետև շատ կոպիտ բան է այդպես նայել և դատել մարդու հոգին, ինչպես դուք եք դատում Իպոլիտին։ Դուք քնքշություն չունեք. միայն ճշմարտություն, նշանակում է անարդարացի է։

Իշխանը մտածմունքի մեջ ընկավ։

— Ինձ թվում է, դուք իմ նկատմամբ անարդարացի եք,— ասաց նա,— չէ՞ որ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում նրանում, որ նա այդպես էր մտածում, որովհետև բոլորը հակված են այդպես մտածել, ըստ որում, կարող է պատահել, նա բոլորովին չէր էլ մտածում, այլ միայն ուզում էր այդ... նա ուզում էր վերջին անգամ մարդկանց հանդիպել, նրանց հարգանքին ու սիրուն արժանանալ. չէ՞ որ դրանք շատ լավ զգացմունքներ են, միայն, այստեղ ամեն ինչ մի տեսակ այնպես չստացվեց, այստեղ խոսում է հիվանդությունը և էլի ինչ֊որ բան։ Ըստ որում ոմանց մոտ միշտ ամեն ինչ լավ է ստացվում, իսկ ուրիշների մոտ ոչ մի բանի նման չի...

— Դա հավանաբար դուք ձե՞ր մասին ավելացրիք,— նկատեց Ագլայան։

— Այո, իմ մասին,— պատասխանեց իշխանը,— ոչ մի չարախնդություն չնկատելով հարցի մեջ։

— Միայն, այսուամենայնիվ, ես ձեր տեղը լինեի, ոչ մի դեպքում չէի քնի. նշանակում է, դուք որտեղ էլ տեղավորվեք, հենց անմիջապես քնում եք. դա շատ վատ է ձեր կողմից։

— Բայց չէ՞ որ ես ամբողջ գիշերը չեմ քնել, և հետո քայլել եմ, քայլել, եղել եմ նվագի տեղում...

— Ի՞նչ նվագի։

— Այնտեղ, որտեղ երեկ նվագում էին, իսկ հետո եկա այստեղ, նստեցի, մտածում էի, մտածում և քնեցի։

— Հա՜, ուրեմն ահա թե ինչպես։ Դա բանը փոխում է հօգուտ ձեզ... Իսկ ինչո՞ւ գնացիք նվագի տեղը։

— Չգիտեմ, այնպես...

— Լավ, լավ, հետո, դուք շարունակ խոսքս կտրում եք, և իմ ի՞նչ գործն է, որ դուք գնացել էիք նվագի տեղը։ Այդ ի՞նչ կնոջ մասին էիք երազ տեսնում։

— Դա... այն... դուք չեք տեսել...

— Հասկանում եմ, շատ լավ եմ հասկանում։ Դուք նրան շա՞տ եք... Նա ինչպե՞ս եկավ ձեր երազը, ի՞նչ տեսքով։ Ասենք, ես ոչինչ էլ չեմ ուզում իմանալ,— խոսքը կտրեց նա հանկարծ զայրույթով։— Մի ընդհատեք ինձ...

Նա մի փոքր դադար առավ, կարծես թե ուժը հավաքելով կամ աշխատելով զայրույթը ցրել։

— Ահա թե որն է ամբողջ բանը, ինչի համար եմ ձեզ կանչել. ես ուզում եմ առաջարկել, որ իմ բարեկամը լինեք։ Ինչո՞ւ հանկարծ այդպես աչքերդ վրաս հառեցիք,— ավելացրեց նա գրեթե ցասումով։

Իշխանն, իրոք, այդ րոպեին շատ ուշադիր նայում էր նրան, նկատելով, որ նա նորից սկսեց սաստիկ շիկնել։ Այդպիսի դեպքերում որքան ավելի էր նա շիկնում, թվում է, այնքան ավելի էր զայրանում իր վրա դրա համար, որը ակներևորեն արտահայտվում էր նրա փայլատակող աչքերում, սովորաբար մի րոպե անց նա արդեն փոխադրում էր իր ցասումը նրա վրա, ում հետ խոսում էր, նա մեղավոր լիներ, թե ոչ, և սկսում էր նրա հետ կռվել։ Գիտենալով ու զգալով իր վայրենությունն ու ամաչկոտությունը, նա սովորաբար քիչ էր խոսակցության բռնվում և մյուս քույրերից ավելի լռակյաց էր, երբեմն նույնիսկ շատ լռակյաց։ Իսկ երբ, հատկապես այդպիսի փափուկ դեպքերում, անպայման պետք էր լինում խոսել, ապա, անպայման խոսակցությունն սկսում էր արտասովոր մեծամտությամբ և կարծես թե ինչ֊որ մարտահրավերով։ Նա միշտ առաջուց նախազգում էր, երբ սկսում էր կամ ուզում էր սկսել կարմրել։

— Դուք գուցե չե՞ք ուզում ընդունել առաջարկս,— մեծամտորեն նայեց նա իշխանին։

— Օ, ոչ, ուզում եմ, բայց դա բոլորովին հարկավոր չէ... այսինքն՝ ես բոլորովին չէի կարծում, թե հարկավոր է այդպիսի առաջարկություն անել,— շփոթվեց իշխանը։

— Իսկ ի՞նչ էիք կարծում դուք։ Ինչի՞ համար պիտի ձեզ այստեղ կանչեի։ Ի՞նչ կա ձեր մտքում։ Ասենք, գուցե դուք ինձ համարում եք փոքրիկ հիմար աղջի՞կ, ինչպես բոլորը համարում են ինձ տանը։

— Ես չգիտեի, որ ձեզ հիմար են համարում, ես... ես չեմ համարում։

— Չե՞ք համարում։ Շատ խելացի է ձեր կողմից։ Հատկապես խելացի է արտահայտված։

— Իմ կարծիքով, դուք նույնիսկ, կարող է պատահել, և շատ խելոք եք երբեմն,— շարունակում էր իշխանը,— դուք քիչ առաջ հանկարծ մի շատ խելացի խոսք ասացիք։ Դուք ասացիք Իպոլիտի մասին ունեցած իմ կասկածի մասին. «Այստեղ լոկ ճշմարտություն է, ուրեմն և նշանակում է անարդարացի է»։ Այդ ես միտքս կպահեմ ու կխորհեմ։

Ագլայան հանկարծ բռնկվեց բավականությունից։ Այդ բոլոր փոփոխությունները նրա մեջ կատարվում էին արտակարգ անկեղծորեն ու արտասովոր արագությամբ։ Իշխանը նույնպես ուրախացավ և նույնիսկ ծիծաղեց ուրախությունից, նրան նայելով։

— Լսեցեք ուրեմն,— նորից սկսեց Ագլայան,— ես երկար էի սպասում ձեզ, որպեսզի այս բոլորը պատմեի ձեզ, սպասում էի սկսած այն պահից, երբ ինձ գրել էիք այնտեղից այն նամակը, և նույնիսկ ավելի առաջ... Կեսը երեկ դուք արդեն իմացաք ինձնից. ես ձեզ համարում եմ ամենաազնիվ ու ամենաշիտակ մարդը, բոլորից ավելի ազնիվ ու շիտակ, և եթե ձեր մասին ասում են, թե ձեր խելքը... այսինքն որ ձեր խելքը երբեմն հիվանդ է լինում, ապա դա անարդարացի է. ես այդպես որոշեցի և վիճում էի, որովհետև թեկուզ ձեր խելքը իրոք հիվանդ է (դուք, իհարկե, սրա վրա չեք բարկանա, ես բարձրագույն տեսակետից եմ ասում), բայց դրա փոխարեն ձեր գլխավոր խելքը ավելի լավ է, քան նրանց բոլորինը, նույնիսկ այնպիսին է, ինչպիսին նրանք չեն էլ երազում, որովհետև կա երկու խելք, գլխավոր և ոչ գլխավոր։ Այդպե՞ս է։ Չէ՞ որ այդպես է։

— Գուցե և այդպես է,— հազիվ արտասանեց իշխանը. նրա սիրտը սաստիկ դողում ու տրոփում էր։

— Ես այդպես էլ գիտեի, որ դուք կհասկանաք,— ծանրակշիռ շարունակեց Ագլայան։— Իշխան Շչ-ն ու Եվգենի Պավլովիչը ոչինչ չեն հասկանում այդ երկու խելքից, Ալեքսանդրան՝ նույնպես, բայց պատկերացրեք maman-ը հասկացավ։

— Դուք շատ նման եք Լիզավետա Պրոկոֆևնային։

— Այդ ինչպե՞ս։ Մի՞թե,— զարմացավ Ագլայան։

— Աստված վկա, այդպես է։

— Ես շնորհակալ եմ ձեզնից,— ասաց Ագլայան, փոքրինչ մտածելով,— ես շատ ուրախ եմ, որ նման եմ maman-ին։ Դուք, նշանակում է, նրան շա՞տ եք հարգում,— ավելացրեց նա, բոլորովին չնկատելով իր հարցի միամտությունը։

— Շա՛տ, շա՛տ, և ուրախ եմ, որ դա այդպես ուղղակի հասկացաք։

— Ես էլ ուրախ եմ, որովհետև նկատել եմ, թե ինչպես նրա վրա երբեմն... ծիծաղում են։ Բայց լսեցեք գլխավորը, ես երկար մտածում էի և վերջապես ձեզ ընտրեցի. ես չեմ ուզում, որ տանը ինձ վրա ծիծաղեն, ես չեմ ուզում, որ ինձ համարեն փոքրիկ հիմար աղջիկ, ես չեմ ուզում, որ ինձ ձեռք առնեն... Ես այդ բոլորը միանգամից հասկացա և կտրականապես մերժեցի Եվգենի Պավլովիչին, որովհետև չեմ ուզում, որ անընդհատ ինձ մարդու տան։ Ես ուզում եմ... ես ուզում եմ... Դե, ես ուզում եմ փախչել տնից, իսկ ձեզ ընտրեցի, որպեսզի ինձ օժանդակեք։

— Փախչե՜լ տնից,— գոչեց իշխանը։

— Այո, այո, այո, փախչե՜լ տնից,— հանկարծ ճչաց Ագլայան, արտասովոր զայրույթով բռնկված,— ես չեմ ուզում, չեմ ուզում, որ այնտեղ շարունակ ինձ հարկադրեն կարմրել։ Ես չեմ ուզում կարմրել ոչ նրանց առաջ, ոչ իշխան Շչ-ի առաջ, ոչ Եվգենի Պավլովիչի առաջ, և ոչ մեկի առաջ, դրա համար էլ ձեզ ընտրեցի։ Ձեզ հետ ուզում եմ ամեն, ամեն ինչի մասին խոսել, նույնիսկ ամենագլխավորի մասին, երբ ուզենամ. ձեր կողմից դուք էլ ոչինչ չպետք է թաքցնեք ինձնից։ Ես ուզում եմ գեթ մի մարդու հետ խոսել այնպես, ինչպես ինքս ինձ հետ. նրանք հանկարծ սկսեցին ասել, որ ես ձեզ սպասում եմ և որ ես ձեզ սիրում եմ։ Դա դեռ մինչև ձեր գալն էր, իսկ ես նամակը նրանց ցույց չէի տվել, իսկ հիմա արդեն բոլորն են ասում։ Ես ուզում եմ համարձակ լինել և ոչնչից չվախենալ։ Ես չեմ ուզում հաճախել նրանց պարահանդեսները, ես ուզում եմ օգուտ բերել։ Ես արդեն վաղուց ուզում էի հեռանալ։ Ես քսան տարի է, ինչ նրանց մոտ խցանով փակված եմ, և շարունակ ինձ մարդու են տալիս։ Ես դեռ տասնչորս տարեկան հասակում մտածում էի փախչել, թեպետ և հիմար էի։ Հիմա արդեն ամեն ինչ հաշվի եմ առել և ձեզ էի սպասում, որ ամեն ինչ հարցուփորձեմ արտասահմանի մասին։ Ես ոչ մի գոթական տաճար չեմ տեսել, ուզում եմ Հռոմում լինել, ուզում եմ բոլոր գիտական կաբինետները դիտել, ես ուզում եմ Փարիզում սովորել, ես ամբողջ վերջին տարին պատրաստվում ու սովորում էի և շատ գրքեր կարդացի, ես բոլոր արգելված գրքերը կարդացի։ Ալեքսանդրան ու Ադելաիդան բոլոր գրքերը կարդում են, նրանց կարելի է, իսկ ինձ ամեն ինչ չեն տալիս, ինձ վրա հսկողություն կա։ Ես քույրերիս հետ չեմ ուզում գժտվել, բայց մորս ու հորս վաղուց արդեն հայտարարել եմ, որ ուզում եմ բոլորովին փոխել իմ սոցիալական դրությունը։ Ես որոշել եմ զբաղվել դաստիարակությամբ, և հույսս ձեզ վրա էի դրել, որովհետև դուք ասում էիք, թե սիրում եք երեխաներին։ Մենք կարո՞ղ ենք միասին զբաղվել դաստիարակությամբ, եթե ոչ հիմա, ապա հետագայում։ Մենք միասին օգուտ կբերենք, ես չեմ ուզում գեներալի աղջիկ լինել... Ասացեք, դուք շա՞տ գիտուն մարդ եք։

— Օ, բոլորովին ոչ։

— Այդ ափսոս, իսկ ես կարծում էի... հապա ինչո՞ւ էի այդպես կարծում։ Դուք համենայն դեպս ինձ կղեկավարեք, որովհետև ես ձեզ եմ ընտրել։

— Դա անհեթեթ բան է, Ագլայա Իվանովնա։

— Ես ուզում եմ, ես ուզում եմ փախչել տնից,— գոչեց նա և նորից փայլատակեցին նրա աչքերը,— եթե դուք չհամաձայնեք, ես Գավրիլա Արդալիոնովիչին մարդու կգնամ։ Ես չեմ ուզում, որ տանը ինձ նողկալի կին համարեն և մեղադրեն աստված գիտի թե ինչում։

— Խելքներդ գլխի՞դ է,— քիչ մնաց տեղից վեր թռչեր իշխանը,— ինչո՞ւմ են ձեզ մեղադրում, ո՞վ է մեղադրում։

— Տանը, բոլորը, մայրս, քույրերս, հայրս, իշխան Շչ֊ն, նույնիսկ ձեր զզվելի Կոլյան։ Եթե ուղղակի չեն ասում, ապա այդպես մտածում են։ Ես նրանց բոլորի երեսին ասացի դա, և մորս, և հորս։ Maman֊ը ամբողջ օրը հիվանդ էր, իսկ հաջորդ օրը Ալեքսանդրան և հայրիկն ինձ ասացին, թե ես ինքս էլ չեմ հասկանում, թե ինչեր եմ դուրս տալիս և ինչ խոսքեր եմ ասում։ Իսկ ես այդտեղ ուղղակի նրանց խոսքը կտրեցի, որ ես արդեն ամեն ինչ հասկանում եմ, բոլոր բառերը, որ ես արդեն փոքրիկ չեմ, որ ես արդեն երկու տարի առաջ դիտմամբ կարդացել եմ Պոլ դը Կոկի երկու վեպը, որպեսզի ամեն ինչի մասին իմանամ։ Maman-ը երբ իմացավ, քիչ մնաց ուշաթափվեր։

Իշխանի գլխով հանկարծ մի տարօրինակ միտք անցավ։ Նա ուշադիր նայեց Ագլայայի ն և ժպտաց։

Նրա նույնիսկ հավատալը չէր գալիս, որ իր առջև նստած է այն նույն մեծամիտ աղջիկը, որը մի ժամանակ հպարտ ու ամբարտավան նրան կարդաց Գավրիլա Արդալիոնովիչի նամակը։ Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչպես այդպիսի գոռոզ, խստաբարո գեղեցկուհու մեջ կարող էր նստած լինել այդպիսի մանուկ, գուցե իրոք նույնիսկ հիմա էլ բոլոր բառերը չհասկացող մանուկ։

— Դուք միշտ տա՞նն եք ապրել, Ագլայա Իվանովնա,— հարցրեց նա,— ուզում եմ ասել ոչ մի տեղ, որևէ դպրոց չե՞ք գնացել, ինստիտուտում չե՞ք սովորել։

— Երբեք և ոչ մի տեղ չեմ գնացել, շարունակ տանն եմ նստել, ինչպես շշի մեջ խցանված, և շշի միջից ուղղակի մարդու կգնամ, ի՞նչ եք նորից քմծիծաղ տալիս։ Ես նկատում եմ, որ դուք էլ, կարծես, ինձ վրա ծիծաղում եք և նրանց կողմն եք բռնում,— ավելացրեց նա, սպառնագին խոժոռվելով,— ինձ մի բարկացրեք, առանց այն էլ չգիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ... Ես համոզված եմ, որ դուք այստեղ եք եկել լիովին հավատացած, որ ես սիրահարված եմ ձեզ և ձեզ տեսակցության եմ կանչել,— խոսքը կտրեց նա գրգռված։

— Ես իրոք երեկ վախենում էի դրանից,— պարզասրտորեն բերնից թռցրեց իշխանը (նա շատ շփոթվեց դրանից),— բայց այսօր համոզված եմ, որ դուք...

— Ինչպե՜ս,— գոչեց Ագլայան, և նրա ներքևի շրթունքը հանկարծ սկսեց դողալ,— դուք վախենում էիք, որ ես... դուք համարձակվում էիք մտածել, որ ես... Տե՜ր իմ։ Ով գիտե, դուք կասկածում էիք, որ ես ձեզ այստեղ եմ կանչել, որպեսզի ձեզ ծուղակը գցեմ և հետո որպեսզի մեզ այստեղ տեսնեն և ձեզ հարկադրեն ինձ հետ ամուսնանալ...

— Ագլա՜յա Իվանովնա, ինչպե՜ս չեք ամաչում։ Ինչպե՞ս կարող էր այդպիսի կեղտոտ միտք ծնվել ձեր մաքուր, անմեղ սրտում։ Գրազ կգամ, որ դուք ինքներդ չեք հավատում ձեր ոչ մի խոսքին և... ինքներդ, էլ չգիտեք, թե ինչ եք ասում։

Ագլայան նստել էր համառորեն գլուխը կախած, ասես ինքն էլ վախեցած իր ասածից։

— Ես բոլորովին չեմ ամաչում,— մրթմրթաց նա,— դուք որտեղի՞ց գիտեք, որ իմ սիրտն անմեղ է։ Ինչպե՞ս էիք համարձակվել այն ժամանակ ինձ սիրային նամակ ուղարկել։

— Սիրային նամա՞կ։ Իմ նամակը՝ սիրայի՜ն։ Դա ամենահարգալիր նամակն է, այդ նամակը իմ սրտից է բխել իմ կյանքի ամենածա՜նր րոպեին։ Ես այն ժամանակ մտաբերում էի ձեր մասին ինչպես մի ինչ֊որ լուսո մասին... ես....

— Դե լավ, լավ,— հանկարծ ընդհատեց նրան Ագլայան, բայց արդեն բոլորովին ոչ այն եղանակով, այլ կատարյալ զղջումով և համարյա վախեցած, նույնիսկ թեքվեց դեպի իշխանը, դեռ շարունակ աշխատելով ուղիղ չնայել նրան, ուզեց ձեռքը դնել նրա ուսին, որ ավելի ևս համոզիչ ձևով խնդրեր նրան չբարկանալ,— լավ,— ավելացրեց նա սարսափելի ամաչելով,— ես զգում եմ, որ շատ հիմար արտահայտություն գործածեցի։ Դա ես այնպես... ձեզ փորձելու համար։ Ընդունեցեք այնպես, որ իբր չի էլ ասված։ Իսկ եթե ձեզ վիրավորեցի, ապա ներեցեք։ Խնդրում եմ, ուղիղ մի նայեք ինձ վրա, շրջվեցեք։ Դուք ասացիք, որ շատ կեղտոտ միտք է, ես դիտմամբ ասացի, որ ձեզ խայթեմ։ Երբեմն ես ինքս էլ եմ վախենում նրանից, ինչ որ ուզում եմ ասել, և հանկարծ ասում եմ։ Դուք հիմա ասացիք, որ այդ նամակը գրել եք ձեր կյանքի ամենածանր րոպեին... Ես գիտեմ որ րոպեում,— կամացուկ ասաց նա, նորից դետնին նայելով։

— Օ, եթե կարողանայի՜ք ամեն ինչ իմանալ։

— Ես ամե՜ն ինչ գիտեմ,— բացականչեց նա նոր հուզմունքով,— դուք այն ժամանակ ապրում էիք նույն սենյակներում այդ նողկալի կնոջ հետ, որի հետ փախաք...

Նա արդեն ոչ թե կարմրեց, այլ գունատվեց այդ ասելով, և հանկարծ տեղից վեր կացավ, ասես ինքն իրեն մոռացած, բայց իսկույն էլ, սթափվելով, նստեց. նրա շրթունքը դեռ երկար շարունակում էր դողալ։ Լռությունը շարունակվեց մոտ մեկ րոպե։ Իշխանը սաստիկ զարմացած. էր այդ արարքի անսպասելիությունից և չգիտեր, ինչին վերագրի դա։

— Ես ձեզ բոլորովին չեմ սիրում,— հանկարծ ասաց Ագլայան, կարծես կտրեց։

Իշխանը ոչինչ չպատասխանեց, նորից լռեցին րոպեի չափ։

— Ես սիրում եմ Գավրիլա Արդալիոնովիչին...— ասաց նա արագախոսությամբ, բայց հազիվ լսելի ու ավելի ես խոնարհեց գլուխը։

— Դա ճիշտ չէ,— ասաց իշխանը, նույնպես գրեթե շշուկով։

— Ուրեմն ես ստո՞ւմ եմ։ Դա ճիշտ է, ես նրան խոսք տվի, երեք օր աոաջ, հենց այս նստարանի վրա։

Իշխանը վախեցավ և մի ակնթարթ մտասուզվեց։

— Դա ճիշտ չէ,— կրկնեց նա վճռական,— դուբ այդ բոլորը հնարեցիք։

— Զարմանալի քաղաքավարի է։ Գիտցեք, որ նա ուղղվել է, նա ինձ սիրում է իր կյանքից ավելի։ Նա իմ առաջ այրեց իր ձեռքը, որպեսզի միայն ապացուցի, որ ինձ իր կյանքից ավելի է սիրում։

— Այրեց իր ձե՞ռքը։

— Այո, իր ձեռքը։ Հավատաք-չհավատաք, ինձ համար մեկ է։

Իշխանը նորից լռեց։ Ագլայայի խոսքերում կատակ չկար. նա բարկանում էր։

— Այդ ինչ, նա իր հետ մո՞մ էր բերել, եթե դա այստեղ էր տեղի ունեցել։ Այլ կերպ ես չեմ կարող պատկերացնել...

— Այո... մոմ։ Ի՞նչ կա այստեղ անհավատալի։

— Ամբո՞ղջ, թե մոմկալի մեջ։

— Դե այո... ոչ... կես մոմ... մնացուկը... մի ամբողջ մոմ, միևնույն է, վազն անցեք... Եվ, եթե ուզում եք, լուցկի էլ էր բերել։ Մոմ վառեց և ամբողջ կես ժամ մատը բռնել էր մոմի վրա, մի՞թե դա չի կարող պատահել։

— Ես երեկ նրան տեսել եմ, նրա մատներն առողջ են։

Ագլայան հանկարծ փռթկացրեց, բոլորովին երեխայի պես։

— Գիտե՞ք ինչու ստեցի հիմա,— հանկարծ դարձավ նա դեպի իշխանը, ամենամանկական դյուրահավատությամբ և դեռ շրթունքների վրա դողացող ծիծաղով,— որովհետև երբ ստում ես, ապա եթե ճարպկորեն ավելացնում ես որևէ ոչ բոլորովին սովորական, որևէ էքսցենտրիկ բան, գիտե՞ք, որևէ այնպիսի բան, որ չափազանց կտրուկ է կամ բոլորովին չի լինում, ապա սուտը ավելի հավանական է դառնում։ Ես դա նկատել եմ։ Միայն իմը վատ ստացվեց, որովհետև չկարողացա...

Հանկարծ նա նորից խոժոռվեց, ասես ուշքի գալով։

— Եթե ես այն ժամանակ,— դարձավ նա իշխանին, լուրջ և նույնիսկ տխուր նայելով նրան,— եթե ես այն ժամանակ ձեզ համար կարդացի «աղքատ ասպետի» մասին, ապա դրանով թեև ուզում էի... ձեզ գովել մի բանի համար, բայց միևնույն ժամանակ ուզում էի նաև նշավակել ձեզ ձեր վարքի համար և ձեզ ցույց տալ, որ ես ամեն ինչ գիտեմ...

— Դուք շատ անարդարացի եք դեպի ինձ... դեպի այն դժբախտը, որի մասին հիմա այդպես սոսկալի արաահայտվեցիք, Ագլայա։

— Որովհետև ես ամեն ինչ գիտեմ, ամեն ինչ, դրա համար էլ այդպես արտահայտվեցի։ Ես գիտեմ, ինչպես դուք կես տարի առաջ բոլորի ներկայությամբ նրան առաջարկել եք ձեր ձեռքը։ Մի ընդհատեք, տեսնում եք, ես առանց կոմենտարների եմ խոսում։ Դրանից հետո նա փախել է Ռոգոժինի հետ, հետո դուք ապրել եք նրա հետ ինչ-որ գյուղում, թե քաղաքում, և նա ձեզնից գնացել է ինչ-որ մեկի մոտ։ (Ագլայան սոսկալի կարմրեց)։ Հետո նա նորից վերադարձել է Ռոգոժինի մոտ, որը նրան սիրում է ինչպես... ինչպես խելագար։ Հետո դուք՝ նույնիսկ շատ խելացի մարդ, հիմա նրա հետևից սլացաք-եկաք այստեղ, հենց որ իմացաք, որ վերադարձել է Պետերբուրգ։ Երեկ երեկոյան դուք նետվեցիք նրան պաշտպանելու, իսկ հիմա երազում նրան էիք տեսնում... Տեսնո՞ւմ եք, որ ես ամեն ինչ գիտեմ, չէ՞ որ դուք նրա համար, նրա համար եք եկել այստեղ։

— Այո, նրա համար,— կամացուկ պատասխանեց իշխանը, տխուր ու մտախոհ հակելով գլուխը և չկասկածելով, ,թե ինչպիսի փայլատակող հայացքով նայեց նրան Ագլայան,— նրա համար, որպեսզի միայն իմանամ... Ես չեմ հավատում նրա բախտին Ռոգոժինի հետ, թեև... մի խոսքով, ես չգիտեմ, թե ինչ կկարողանայի անել այստեղ նրա համար և ինչով օգնել, բայց ես եկա։

Նա ցնցվեց ու նայեց Ագլայային. սա ատելությամբ ականջ էր դնում իշխանին։

— Եթե եկել եք չիմանալով, թե ինչու։ Նշանակում է շատ եք սիրում,— ասաց նա վերջապես։

— Ոչ,— պատասխանեց իշխանը,— ոչ, չեմ սիրում։ Օ, եթե իմանայիք, ինչպիսի՜ սարսափով եմ հիշում այն ժամանակը, որ անցկացրի նրա հետ։

Այս խոսքերն ասելիս նույնիսկ սարսուռ անցավ նրա մարմնով։

— Ասացեք ամեն ինչ,— ասաց Ագլայան։

— Այստեղ ոչ մի այնպիսի բան չկա, որը դուք չկարողանայիք լսել։ Թե ինչու էի հենց ձեզ ուզում այս ամենը պատմել, և միայն ձեզ, չգիտեմ, գուցե նրա համար, որ իրոք ձեզ շատ էի սիրում։ Այդ դժբախտ կինը խորապես համոզված է, որ ինքը ամենաընկած, ամենաարատավոր էակն է աշխարհում։ Օ, մի անարգեք նրան, քար մի շպրտեք։ Նա չափից ավելի է տանջել ինքն իրեն իր անարդարացի խայտառակության գիտակցությամբ։ Եվ ինչո՞վ է նա մեղավոր, օ, աստված իմ։ Օ, նա ամեն րոպե մոլեգնաբար բղավում է, որ իրեն մեղավոր չի համարում, որ ինքը մարդկանց զոհն է, անբարոյականի ու չարագործի զոհը, բայց ինչ էլ ասելու լինի ձեզ, գիտցեք, որ առաջինը ինքը չի հավատում իրեն և որ նա իր ամբողջ խղճով հավատում է, ընդհակառակը, որ նա... ինքն է մեղավոր։ Երբ ես փորձում էի ցրել այդ խավարը, ապա նա այնպիսի տառապանքների էր հասնում, որ իմ սիրտը երբեք չի լավանա, քանի հիշեմ այդ սարսափելի ժամանակը։ Ասես իմ սիրտը խոցել են մեկընդմիշտ։ Նա գիտե՞ք ինչու փախավ ինձնից։ Հենց միայն նրա համար, որպեսզի ինձ ապացուցի, որ ինքը ստոր է։ Բայց այստեղ ամենասարսափելին այն է, որ նա ինքն էլ, կարող է պատահել, չգիտեր, թե մենակ ինձ է ուզում ապացուցել այդ, այլ փախավ նրա համար, որ անպայման, ներքուստ ուզում էր ամոթալի բան անել, որպեսզի տեղնուտեղը ինքն իրեն ասեր. «Ահա դու նոր անամոթություն արիր, նշանակում է դու ստոր արարած ես»։ Օ, գուցե դուք սա չհասկանաք, Ագլայա։ Գիտե՞ք արդյոք, խայտառակության այդ մշտական գիտակցության մեջ նրա համար, գուցե, պարունակվում է ինչ֊որ սարսափելի, անբնական հաճույք, ասես վրիժառություն ինչ֊որ մեկից։ Երբեմն ես նրան այնտեղ էի հասցնում, որ նա կարծես թե նորից լույս էր տեսնում իր շուրջը, բայց իսկույն նորից էր վրդովվում և այնտեղն էր հասնում, որ հենց ինձ էր դառնությամբ մեղադրում, որ իբր ինձ նրանից բարձր եմ դասում (երբ դա իմ մտքովն էլ չէր անցնում), և ուղղակի հայտարարեց ինձ, վերջապես, ամուսնության իմ առաջարկին, որ նա ոչ ոքից չի պահանջում ոչ մեծամիտ կարեկցություն, ոչ օգնություն, ոչ «բարձրացում մինչև իր աստիճանը»։ Դուք երեկ տեսաք նրան. մի՞թե կարծում եք, նա երջանիկ է այդ մարդկանց հետ, որ դա նրա միջավայրն է։ Դուք չգիտեք, թե ինչպես զարգացած է նա և ի՜նչ կարող է հասկանալ։ Սա նույնիսկ երբեմն զարմացնում էր ինձ։

— Դուք այնտե՞ղ էլ նրան կարդում էիք նույնպիսի... քարոզներ։

— Օ, ոչ,— մտածկոտ շարունակեց իշխանը, չնկատելով հարցի եղանակը,— ես գրեթե միշտ լռում էի։ Ես հաճախ էի ուզում խոսել, բայց իսկապես, չգիտեի, թե ինչ ասեմ։ Գիտե՞ք, որոշ դեպքերում լավ է ոչինչ չասել։ Օ, ես սիրում էի նրան. օ, շատ էի սիրում... բայց հետո... հետո... հետո նա ամեն ինչ կռահեղ։

— Ի՞նչ կռահեց։

— Որ ես միայն խղճում եմ նրան, բայց որ ես... արդեն չեմ սիրում նրան։

— Ինչի՞ց գիտեք, գուցե նա իսկապես սիրահարվել էր այն... կալվածատիրոջը, որի հետ փախավ։

— Ոչ, ես ամեն ինչ գիտեմ, նա միայն ծիծաղեց նրա վրա։

— Իսկ ձեր վրա երբե՞ք չէր ծիծաղում։

— Ո-ոչ, նա ծիծաղում էր չարությունից, օ, այն ժամանակ նա ինձ սարսափելի կշտամբում էր, ցասմնալի, և ինքն էլ տառապում էր։ Բայց հետո... օ, մի հիշեցրեք, մի հիշեցրեք ինձ դա։

Նա դեմքը ծածկեց ձեռքերով։

— Իսկ գիտե՞ք, որ նա գրեթե ամեն օր ինձ նամակներ է գրում։

— Նշանակում է դա ճի՜շտ է,— գոչեց իշխանը տագնապած,— ես լսել էի, բայց դեռ չէի ուզում հավատալ։

— Ումի՞ց էիք լսել,— վախեցած սրսփաց Ագլայան։

— Երեկ Ռոգոժինն ասաց ինձ, միայն ոչ բոլորովին պարզ։

— Երե՞կ։ Երեկ առավոտյա՞ն։ Երեկ ե՞րբ։ Երաժշտությունից առա՞ջ, թե հետո։

— Հետո, երեկոյան, ժամը տասներկուսին մոտ։

— Ա-ա՜, դե, եթե Ռոգոժինը... իսկ գիտե՞ք ինչի մասին է գրում ինձ այդ նամակներում։

— Ես ոչնչի վրա չեմ զարմանում, նա խելագար է։

— Ահա այդ նամակները (Ագլայան գրպանից հանեց երեք նամակ երեք ծրարի մեջ և նետեց իշխանի առաջ)։ Ահա արդեն մի ամբողջ շաբաթ նա ինձ աղերսում է, հակում, գայթակղեցնում, որպեսզի ես ամուսնանամ ձեզ հետ։ Նա... այո, նա խելացի է, թեպետև խելագար է, և դուք ճիշտ եք ասում, որ նա ինձնից շատ ավելի խելոք է... նա ինձ գրում է, որ սիրահարված է ինձ, որ ամեն օր առիթ է որոնում թեկուզ հեռվից ինձ տեսնելու։ Նա գրում է, որ դուք սիրում եք ինձ, որ նա այդ գիտի, վաղուց է նկատել, և որ դուք նրա հետ այնտեղ խոսել եք իմ մասին։ Նա ուզում է ձեզ տեսնել երջանիկ, նա համոզված է, որ միայն ես կկազմեմ ձեր երջանկությունը... նա այնպես անսովոր է գրում... տարօրինակ։ Ես ոչ ոքի ցույց չեմ տվել նամակները, ես ձեզ էի սպասում. դուք գիտե՞ք դա ինչ է նշանակում։ Ոչինչ չե՞ք կոահում։

— Դա խելագարություն է. նրա ցնորվածության ապացույցը,— ասաց իշխանը, և նրա շրթունքները դողացին։

— Դուք հո չե՞ք լալիս։

— Ոչ, Ագլայա, ոչ, չեմ լալիս,— նրան նայեց իշխանը։

— Ի՞նչ անեմ ես այստեղ։ Ի՞նչ խորհուրդ կտաք ինձ։ Հո չե՞մ կարող այս նամակներն ստանալ։

— Օ, թողեք նրան, աղաչում եմ ձեզ,— գոչեց իշխանը,— ի՞նչ եք անելու այս խավարում. ես բոլոր ջանքերս կգործադրեմ, որպեսզի նա այլևս չգրի ձեզ։

— Եթե այդպես է, դուք անսիրտ մարդ եք,— բացականչեց Ագլայան,— մի՞թե չեք տեսնում, որ նա ոչ թե ինձ է սիրահարված, այլ ձեզ, միայն ձեզ է սիրում նա։ Մի՞թե նրա մեջ ամեն ինչ կարողացել եք նկատել, իսկ դա չեք նկատել։ Գիտե՞ք ինչ բան է սա, ինչ են նշանակում այս նամակները։ Սա խանդ է, սա ավելին է, քան խանդը։ Նա... դուք կարծում եք, նա իսկապե՞ս կամուսնանա Ռոգոժինի հետ, ինչպես գրում է այնտեղ նամակներում։ Նա հաջորդ օրը կսպանի ինքն իրեն, հենց որ մենք ամուսնանանք։

Իշխանը ցնցվեց, նրա սիրտը նվաղեց։ Բայց նա զարմացած նայում էր Ագլայային, նրա համար տարօրինակ էր ընդունել, որ այս մանուկը վաղուց արդեն կին է։

— Աստված տեսնում է, Ագլայա, որպեսզի նրան վերադարձնեի հանգիստը և երջանկացնեի, ես կյանքս կտայի, բայց... ես արդեն չեմ կարող սիրել, և նա գիտի այդ։

— Ուրեմն զոհաբերեք ձեզ, չէ՞ որ դա այնքան սազում է ձեզ։ Չէ՞ որ դուք այնպիսի մե՜ծ բարերար եք։ Եվ ինձ «Ագլայա» մի ասացեք... Դուք քիչ առաջ էլ ինձ ուղղակի Ագլայա ասացիք... Դուք պետք է, դուք պարտավոր եք հարություն տալ նրան, դուք պետք է մեկնեք նրա հետ, որպեսզի խաղաղեցնեք ու հանգստացնեք նրա սիրտը։ Ախր դուք նրան սիրում էլ եք։

— Ես չեմ կարող այդպես զոհաբերել ինձ, թեև ուզում էի մի անդամ ևս... գուցե հիմա էլ ուզում եմ։ Բայց ես հաստատ գիտեմ, որ նա ինձ հետ կկործանվի, դրա համար էլ թողնում եմ նրան։ Ես պետք է նրան տեսնեի այսօր ժամը յոթին, ես, գուցե, հիմա չգնամ։ Իր հպարտությամբ նա երբեք չի ների իմ սերը, և մենք երկուսս էլ կկործանվենք։ Սա անբնական է, բայց այստեղ ամե՛ն ինչ անբնական է։ Դուք ասում եք, նա սիրում է ինձ, բայց մի՞թե դա սեր է։ Մի՞թե կարող է այդպիսի սեր լինել, նրանից հետո, ինչ ես տարել եմ։ Ոչ, այստեղ ուրիշ բան է, և ոչ թե սեր։

— Ինչպես գունատվել եք,— վախեցավ հանկարծ Ագլայան։

— Ոչինչ, ես քիչ եմ քնել, թուլացել եմ, ես... մենք իրոք ձեր մասին խոսում էինք այն ժամանակ, Ագլայա...

— Ուրեմն դա ճի՞շտ է։ Դուք իսկապես կարող էիք նրա հետ իմ մասին խոսել և... ինչպե՞ս կարող էիք ինձ սիրել, երբ ընդամենը մեկ անգամ էիք տեսել ինձ։

— Ես չգիտեմ ինչպես։ Իմ այն ժամանակվա խավարում ես երազում էի... ինձ պատկերանում էր, գուցե, նոր արշալույս։ Ես չգիտեմ ինչպես առաջինը ձեր մասին մտածեցի։ Ես այն ժամանակ ճիշտ էի գրել, որ չգիտեմ։ Այդ բոլորը լոկ երազանք էր այն ժամանակվա սարսափից... Հետո ես սկսեցի պարապել. ես երեք տարի չէի գա այստեղ...

— Նշանակում է նրա համա՞ր եկաք։

Եվ Ագլայայի ձայնի մեջ մի բան դողաց։

— Այո, նրա համար։

Անցավ երկուսի կողմից էլ մռայլ լռության մի երկու րոպե։ Ագլայան տեղից վեր կացավ։

— Եթե դուք ասում եք,— անհաստատ ձայնով սկսեց նա,— եթե դուք ինքներդ հավատում եք, որ ձեր... այդ կինը... խելագար է, ապա չէ՞ որ նրա խելագար ֆանտազիաների հետ ես գործ չունեմ... Խնդրում եմ ձեզ, Լև Նիկոլաևիչ, վերցնել այս երեք նամակը և նրան նետել իմ կողմից։ Եվ եթե նա,— բղավեց հանկարծ Ագլայան,— եթե նա համարձակվի մի անգամ էլ ինձ ուղարկել մի տող, ապա ասացեք նրանք որ ես կգանգատվեմ հորս և որ նրան կտանեն զսպատուն...

Իշխանը վեր թռավ և վախեցած նայում էր Ագլայայի հանկարծակի ցասմանը, և հանկարծ մշուշը ցրվեց նրա առջևից...

— Դուք չեք կարող այդպես զգալ... գա, դա ճիշտ չէ,— քրթմնջում էր նա։

— Դա ճի՜շտ է։ Ճի՜շտ է,— ճչաց Ագլայան, գրեթե ինքն իրեն մոռացած։

— Ի՞նչն է ճիշտ։ Ի՞նչ ճիշտ,— հնչեց նրա կողքին մի վախեցած ձայն։

Նրանց առջև կանգնած էր Լիզավետա Պրոկոֆևնան։

— Այն է ճիշտ, որ ես մարդու եմ գնում Գավրիլա Արդալիոնովիչին։ Որ ես Գավրիլա Արդալիոնովիչին սիրում եմ և վաղն իսկ նրա հետ փախչում եմ տնից,— նրա վրա հարձակվեց Ագլայան։֊— Լսեցի՞ք։ Բավարարվա՞ծ է ձեր հետաքրքրությունը։ Գո՞հ եք դրանից։

Եվ նա վազեց տուն։

— Ոչ, եղբայր, դուք հիմա մի հեռացեք,— կանգնեցրեց իշխանին Լիզավետա Պրոկոֆևնան,— բարի եղեք, համեցեք ինձ մոտ բացատրության... Այս ի՞նչ տանջանք է, ես առանց այն էլ ամբողջ գիշերը չեմ քնել...

Իշխանը գնաց նրա հետևից։

IX

Իր տուն մտնելով, Լիզավետա Պրոկոֆևնան կանգ առավ հենց առաջին սենյակում, ավելի գնալ նա չէր կարող և բոլորովին ուժասպառված նստեց թախտին, նույնիսկ մոռանալով իշխանին հրավիրել նստելու։ Դա մի բավական մեծ դահլիճ էր, մեջտեղը դրած կլոր սեղանով, բուխարիկով, լուսամուտների մոտի դարակներին լիքը ծաղիկներ դրած և հետևի պատին՝ դեպի այգին բացվող մի ուրիշ ապակե դռնով։ Անմիջապես ներս մտան Ադելաիդան ու Ալեքսանդրան, հարցական ու տարակուսած նայելով իշխանին ու մորը։

Աղջիկները ամառանոցում սովորաբար վեր էին կենում ժամը իննին. միայն Ագլայան վերջին երկու֊երեք օրը սովորություն էր դարձրել մի քիչ վաղ վեր կենալ և դուրս էր գալիս այգի զբոսնելու, բայց և այնպես ոչ ժամը յոթին, այլ ութին կամ նույնիսկ ավելի ուշ։ Լիզավետա Պրոկոֆևնան, որ իրոք գիշերը չէր քնել իր զանազան տագնապների պատճառով, վեր էր կացել ժամը ութին մոտ, դիտմամբ նրա համար, որպեսզի այգում հանդիպի Ագլայային, ենթադրելով, որ նա արդեն վեր կացած կլինի. բայց ոչ այգում, ոչ ննջարանում նրան չէր գտել։ Այստեղ նա վերջնականապես անհանգստացած արթնացրել էր աղջիկներին։ Աղախնուց իմացան, որ Ագլայա Իվանովնան դեռ ժամը յոթը չեղած գնացել էր զբոսայգի։ Աղջիկները քմծիծաղ տվին իրենց ֆանտաստիկ քույրիկի նոր ֆանտազիայի վրա և նկատեցին մայրիկին, որ ով գիտի, Ագլայան դեռ բարկանա էլ, եթե մայրը գնա զբոսայգի նրան որոնելու, և որ, հավանաբար, նա հիմա գիրքը ձեռքին նստած է կանաչ նստարանին, որի մասին նա սկսում էր դեռ երեք օր առաջ և որի համար համարյա կռվեց իշխան Շչ-ի հետ, որովհետև, նա նստարանի տեղագրության մեջ ոչ մի առանձին բան չգտավ։ Բռնելով տեսակցությունը և լսելով աղջկա տարօրինակ խոսքերը, Լիզավետա Պրոկոֆևնան սարսափելի վախեցած էր, շատ պատճառներով, բայց հիմա, իշխանին իր հետ բերելով, վախեցավ, որ գործ էր սկսել. «Իսկ ինչո՞ւ Ագլայան չէր կարող հանդիպել ու խոսքի բռնվել իշխանի հետ զբոսայգում, նույնիսկ, վերջապես, եթե դա վախօրոք պայմանավորված տեսակցություն էլ լիներ»։

— Չկարծեք, իշխան, սիրելիս,— ասաց նա վերջապես հաղթահարելով տհաճ զգացմունքը,— որ ձեզ այստեղ քարշ տվի հարցաքննության։ Ես, աղավնյակս, երեկվա երեկոյից հետո, գուցե, շատ երկար ժամանակ քեզ հետ հանդիպել անգամ չէի ուզենա։

Նա մի քիչ դեմ առավ։

— Բայց և այնպես շա՜տ կուզենայիք իմանալ, թե այսօր ինչպես հանդիպեցինք ես ու Ագլայա Իվանովնան,— շատ հանգիստ ավարտեց իշխանը։

— Հետո՛ ինչ, կուզենայի՜,— անմիջապես բռնկվեց Լիզավետա Պրոկոֆևնան։— Չեմ վախենա և ուղղակի խոսքերից։ Որովհետև ոչ ոքի չեմ նեղացնում և չէի ուզենա նեղացնել...

— Ներեցեք, առանց նեղացնելու էլ բնական է, որ ուզում եք իմանալ, դուք մայր եք։ Մենք այսօր Ագլայա Իվանովնայի հետ հանդիպեցինք կանաչ նստարանի մոտ առավոտյան ժամը ուղիղ յոթին նրա երեկվա հրավերի հետևանքով։ Նա երեկ երեկոյան ինձ մի տոմսակով իմաց էր տվել, որ ինքը պետք է տեսնի և ինձ հետ խոսի կարևոր գործի մասին։ Մենք տեսնվեցինք և մի ամբողջ ժամ խոսում էիք այնպիսի գործերի մասին, որոնք իսկն ասած վերաբերում էին Ագլայա Իվանովնային, ահա և ամբողջը։

— Իհարկե, ամբողջը, սիրելիս, և առանը որևէ կասկածի ամբողջը,— արժանապատվությամբ արտասանեց Լիզավետա Պրոկոֆևնան։

— Հիանալի է, իշխան,— ասաց Ագլայան, հանկարծ մտնելով սենյակ,— ամբողջ սրտով շնորհակալ եմ ձեզնից, որ ինձ էլ անընդունակ համարեցիք այստեղ ստորանալու մինչև սուտ ասելու աստիճան։ Այդքանը հերի՞ք է ձեզ, maman, թե՞ մտադիր եք էլի հարցաքննել։

— Դու գիտես, որ մինչև հիմա ես ոչ մի բանի համար ստիպված չեմ եղել քո առաջ կարմրել... Թեև դու, գուցեև, ուրախ կլինեիր, որ կարմրեի,— խրատական ձևով ասաց Լիզավետա Պրոկոֆևնան։— Մնաք բարով, իշխան, ինձ էլ ներեցեք, որ անհանգստացրի։ Եվ հուսով եմ։ Համոզված կմնաք դեպի ձեզ տածած անփոփոխ հարգանքիս։

Իշխանն անմիջապես գլուխ տվեց երկու կողմի վրա և լուռ դուրս եկավ։ Ալեքսանդրան և Ադելաիդան քմծիծաղ տվին և իրար մեջ ինչ֊որ բան շշնջացին։ Լիզավետա Պրոկոֆևնան խստորեն նայեց նրանց։

— Մենք միայն նրա վրա ծիծաղեցինք, maman,— ծիծաղեց Ադելաիդան,— որ իշխանը այդպես հիանալի հրաժեշտ տվեց. երբեմն բոլորովին ծանրաշարժ է, իսկ հիմա հանկարծ ինչպես... ինչպես Եվգենի Պավլովիչը։

— Քաղաքավարությունն ու արժանապատվությունը սիրտն ինքն է սովորեցնում, և ոչ թե պարերի ուսուցիչը,— ուսուցողաբար եզրափակեց Լիզավետա Պրոկոֆևնան և անցավ վերև, իր հարկաբաժինը, նույնիսկ չնայելով Ագլայայի վրա։

Երբ իշխանը վերադարձավ տուն, արդեն ժամը իննին մոտ էր, պատշգամբում գտավ Վերա Լուկիանովնային և աղախնուն։ Նրանք միասին հավաքում ու ավլում էին երեկվա անկարգությունից հետո։

— Փառք աստծու, հասցրինք մինչև ձեր գալը վերջացնել,— ուրախ ասաց Վերան։

— Բարև ձեզ. մի քիչ գլուխս պտտվում է, ես վատ եմ քնել. կքնեի։

— Երեկվա պես այստեղ, պատշգամբո՞ւմ։ Լավ։ Ես բոլորին կասեմ, որ ձեզ չզարթնեցնեն։ Հայրիկս ինչ֊որ տեղ է գնացել։

Աղախինը դուրս ելավ։ Վերան գնաց նրա հետևից, բայց վերադարձավ և մտահոգ մոտեցավ իշխանին։

— Իշխան, խղճացեք այն... թշվառին. մի վռնդեք նրան այսօր։

— Ոչ մի դեպքում չեմ վռնդի, ինչպես որ նա ինքը կուզի։

— Նա հիմա ոչինչ չի անի և... նրա հետ խիստ մի եղեք։

— Օ ոչ, ինչո՞ւ։

— Եվ... մի ծիծաղեք նրա վրա. ահա սա ամենագլխավորն է։

— Օ, բոլորովի՜ն ոչ։

— Հիմար եմ ես, որ ձեզ նման մարդուն ասում եմ այդ մասին,— կարմրեց Վերան։— Ու թեև դուք հոգնած եք,— ծիծաղեց նա, կիսաշրջվելով, որպեսզի գնա,— բայց ձեր աչքերն այնքան լավն են այս րոպեիս... երջանիկ են։

— Մի՞թե երջանիկ են,— աշխուժորեն հարցրեց իշխանը և ուրախ ծիծաղեց։

Բայց Վերան, որ տղայի պես պարզասիրտ ու հասարակ էր, հանկարծ մի տեսակ շփոթվեց, ավելի սաստիկ կարմրեց և, շարունակելով ծիծաղել, արագ դուրս եկավ սենյակից։

«Ինչ... լավիկն է...» — մտածեց իշխանը և իսկույն մոռացավ նրա մասին։ Նա անցավ պատշգամբի անկյունը, որտեղ թախտ էր դրված և առջևը մի փոքրիկ սեղան, նստեց, երեսը ձեռքերով ծածկեց և նստած մնաց մի տասը րոպե, հանկարծ շտապ ու տագնապած ձեռքը տարավ կողքի գրպանը և հանեց երեք նամակը։

Բայց դուռը նորից բացվեց և ներս մտավ Կոլյան։ Իշխանը կարծես ուրախացավ, որ ստիպված էր նորից գրպանը գնել նամակները և րոպեն հեռացնել։

— Այ թե պատահա՜ր էր,— ասաց Կոլյան, նստելով թախտին և ուղղակի մոտենալով նյութին, ինչպես և բոլոր նրա նմաններըԼ— Հիմա ինչպե՞ս եք նայում Իպոլիտին։ Առանց հարգանքի՞։

— Ինչո՞ւ... բայց, Կոլյա, ես հոգնել եմ... համ էլ շատ տխուր է նորից դրա մասին սկսել... Բայց ինչպե՞ս է նա։

— Քնած է և դեռ երկու ժամ էլ կքնի։ Հասկանում եմ. դուք տանը չէիք քնել, զբոսնում էիք այգում... իհարկե... հուզմունք... պարզ բա՜ն է։

— Ի՞նչ գիտեք, որ ես զբոսնում էի այգում և տանը չեմ քնել։

— Նոր Վերան էր ասում։ Համոզում էր, որ ներս չմտնենք, ես չհամբերեցի, մի րոպեով։ Ես այդ երկու ժամը հերթապահեցի անկողնու մոտ. հիմա Կոստյա Լեբեդևին նստեցրի հերթապահելու։ Բուրդովսկին գնաց։ Դե պառկեցեք, իշխան, բարի գի... դե, բարի առավոտ։ Միայն գիտե՞ք, ես զարմացած եմ։

— Իհարկե... այս ամենը...

— Ոչ, իշխան, ոչ. ես զարմացած եմ «Խոստովանությունից»։ Գլխավորը, այն տեղից, որտեղ նա խոսում է նախախնամության և ապագա կյանքի մասին։ Այնտեղ վիթ-խա-րի՜ միտք կա։

Իշխանը սիրալիր նայեց Կոլյային, որը, իհարկե, հենց դրա համար էլ մտել էր, որ ինչքան կարելի է շուտ խոսեր վիթխարի մտքի մասին։

— Բայց գլխավորը, գլխավորը միայն մտքի մեջ չէ, այլ ամբողջ իրադրության։ Եթե դա Վոլտերը, Ռուսսոն, Պրուդոնը գրած լինեին, ես կկարդայի, կնկատեի, բայց չէի զարմանա այդ աստիճան։ Բայց մի մարդ, որը հաստատ գիտի, որ իրեն տասը րոպե է մնում, և այդպես է ասում, չէ՞ որ դա հպա՜րտ բան է։ Չէ՞ որ դա սեփական արժանապատվության բարձրագույն անկախություն է, չէ՞ որ դա նշանակում է ուղղակի խրոխտալ... Ոչ, դա ոգու վիթխարի ուժ է։ Եվ դրանից հետո պնդել, թե նա դիտմամբ չէր դրել հրապատիճը, դա ստորություն է, անբնական է։ Իսկ գիտե՞ք, ախր նա երեկ խաբեց, խորամանկություն արեց. ես բնավ երբեք նրա հետ պայուսակ չեմ դասավորել և երբեք ատրճանակ չեմ տեսել, ամեն ինչ նա է դասավորել, այնպես որ նա ինձ հանկարծ մոլորեցրեց։ Վերան ասում է, որ դուք նրան թողնում եք այստեղ, երդվում եմ, որ վտանգ չի լինի, մանավանդ որ մենք բոլորս առանց հեռանալու նրա մոտ ենք։

— Իսկ ձեզանից ո՞վ էր այնտեղ գիշերը։

— Ես, Կոստյա Լեբեդևը, Բուրդովսկին։ Կելլերը մի քիչ մնաց, իսկ հետո տեղափոխվեց Լեբեդևի մոտ քնելու, որովհետև մեզ մոտ պառկելու տեղ չկար։ Ֆերդիշչենկոն էլ Լեբեդևի մոտ էր քնել, ժամը յոթին գնաց... Լեբեդևը, գուցե, հիմա կգա ձեզ մոտ, նա, չգիտեմ ինչու, ձեզ էր որոնում, երկու անգամ հարցրեց։ Նրան թողնե՞մ, թե չթողնեմ, եթե պառկեք քնելու։ Ես էլ եմ գնում քնելու։ Ախ, հա, ես ձեզ մի բան կասեի. ինձ այն ժամանակ զարմացրեց գեներալը. Բուրդովսկին ինձ արթնացրեց ժամը յոթին մոտ հերթապահելու, նույնիսկ համարյա վեցին. ես մի րոպեով դուրս եկա, հանկարծ հանդիպում եմ գեներալին և դեռ այն աստիճան հարբած, որ ինձ չճանաչեց, գերանի պես կանգնել է իմ առջև, հենց որ սթափվեց, ուղղակի հարձակվեց վրաս. «Ինչպե՞ս է հիվանդը։ Ես գալիս էի հիվանդի մասին իմանալու...»։ Ես զեկուցեցի, դե, այս, այն։ «Այդ բոլորը լավ, ասում է, բայց, գլխավորը, ես գալիս էի, դրա համար էլ վեր կացա, որպեսզի քեզ նախազգուշացնեմ, ես հիմք ունեմ ենթադրելու, որ պարոն Ֆերդիշչենկոյի ներկայությամբ չի կարելի ամեն ինչ խոսել և...․ պետք է զուսպ լինել»։ Հասկանո՞ւմ եք, իշխան։

— Մի՞թե։ Ասենք... մեզ համար միևնույն է։

— Այո, անտարակույս միևնույն է, մենք մասոններ չե՜նք։ Այնպես որ ես նույնիսկ զարմացա, որ գեներալը հատկապես գալիս էր դրա համար ինձ արթնացնելու գիշերը։

—- Ասում եք, Ֆերդիշչենկոն գնացե՞լ է։

— Ժամը յոթին, հարևանցի անցավ մոտս. ես հերթապահում էի։ Ասաց, որ գնում է գիշերը վիլկինի մոտ ավարտելու,— մի այդպիսի հարբեցող կա, Վիլկին։ Դե, գնում եմ։ Ահա և Լուկիան Տիմոֆեիչը... Իշխանն ուզում է քնել, Լուկիան Տիմոֆեիչ, ետ դարձեք։

— Միայն մի րոպեով, մեծարգո իշխան, իմ տեսակետից մի նշանակալի գործով,— լարված և ինչ֊որ զգացված տոնով կիսաձայն ասաց ներս եկած Լեբեդևը և ծանր ու մեծ ողջունեց։ Նա հենց նոր էր վերադարձել և նույնիսկ չէր հասցրել իր տուն մտնել, այնպես որ գլխարկն էլ դեռ բռնել էր ձեռքին։ Նրա դեմքը մաահոգ էր և սեփական արժանապատվության առանձնահատուկ, արտասովոր արաահայտության երանգ ուներ։ Իշխանը նրան հրավիրեց նստելու։

— Դուք ինձ երկու անգամ հարցրե՞լ եք։ Գուցե շարունակ անհանգստանում եք երեկվա դեպքի՞ համար...

— Դուք ենթադրում եք, թե երեկվա այդ տղայի համա՞ր, իշխան։ Օ ոչ, երեկ իմ մտքերն անկարգ վիճակում էին... բայց այսօր արդեն ես մտադիր չեմ թեկուզ որևէ հարցում կոնտրկարեի[30] ենթարկել ձեր ենթադրությունները։

— Կոնտրկա... ինչպես ասացի՞ք։

— Ես ասացի կոնտրկարե, ֆրանսերեն բառ է, ինչպես բազմաթիվ այլ բառեր, որ մտել են ռուսաց լեզվի կազմի մեջ. բայց առանձնապես թեր չեմ դրան։

— Այդ ի՞նչ այսօր այդպես լուրջ ու վայելուչ եք, Լեբեդև, և խոսում եք կարծես հեգելով,— քմծիծաղ տվեց իշխանը։

— Նիկոլայ Արդալիոնովիչ,— գրեթե խանդակաթ ձայնով դիմեց Լեբեդևը Կոլյային,— հայտնելիք ունենալով իշխանին մի գործի մասին, որն իսկապես ասած վերաբերում է...

— Դե լավ, հասկանալի է, հասկանալի է, իմ գործը չէ։ Ցտեսություն, իշխան,— անմիջապես հեռացավ Կոլյան...

— Սիրում եմ երեխային խելամտության համար,— արտասանեց Լեբեդևը, նայելով նրա հետևից,— ժիր տղա է, թեև պնդերես։ Արտակարգ դժբախտություն ապրեցի ես, մեծարգո իշխան, իրեկ երեկոյան կամ այսօր լուսադեմին... դեռ տատանվում եմ ստույգ ժամանակը նշելու։

— Ի՞նչ է պատահել։

— Չորս հարյուր ռուբլու կորուստ կողքի գրպանիցս, մեծարգո իշխան, կնքե՜լ են,— ավելացրեց Լեբեդևը թթու քմծիծաղով։

— Դուք չորս հարյուր ռուբլի՞ եք կորցրել։ Ափսոս։

— Եվ հատկապես աղքատ, իր աշխատանքով ապրող մարդու համար։

— Իհարկե, իհարկե. այդ ինչպե՞ս։

— Գինու հետևանքով։ Ես ձեզ մոտ, ինչպես նախախնամության մոտ եմ եկել, մեծարգո իշխան։ Չորս հարյուր ռուբլու գումարը արծաթով ես երեկ կեսօրվա ժամը հինգին ստացա մի պարտապանից և գնացքով վերադարձա այստեղ։ Դրամպանակս գրպանումս էր։ Վիցմունդիրիս փոխարեն սերթուկս հագնելով, փողը դրի սերթուկիս գրպանը, նկատի ունենալով դրամը մոտս պահել, հույս ունենալով հենց երեկոյան դրանք տալ մի խնդրարկուի... սպասելով հավատարմատարին։

— Ի դեպ, Լուկիան Տիմոֆեիչ, ճի՞շտ է, որ դուք լրագրերում հայտարարություն եք տվել, որ ոսկե ու արծաթե իրերի գրավի դիմաց փող եք տալիս։

— Հավատարմատարի միջոցով. հասցեի տակ իմ սեփական անունը չի նշված։ Ունենալով չնչին կապիտալ և ընտանիքի աճը նկատի ունենալով, ինքներդ համաձայնեցեք, որ ազնիվ տոկոսը...

— Դե, այո, այո. ես միայն իմանալու համար, ներեցեք, որ ընդհատեցի։

— Հավատարմատարը չներկայացավ։ Այդ միջոցին բերին դժբախտին, ես արդեն բարձր տրամադրության մեջ էի, ճաշելուց հետո. եկան այդ հյուրերը, խմեցինք... թեյ, և... տրամադրությունս բարձրացավ ի կործանում իմ։ Իսկ երբ, արդեն ուշ, եկավ այդ Կելլերը և ազդարարեց ձեր հանդիսավոր օրվա և շամպայնի վերաբերյալ արած կարգադրության մասին, ապա ես, թանկագին և մեծարգո իշխան, ունենալով սիրտ (որ դուք, հավանաբար, արդեն նկատել եք, որովհետև ես արժանի եմ), ունենալով, չէի ասի զգայուն, բայց շնորհակալ սիրտ, որով և հպարտանում եմ, ես, պատրաստվող հանդիպման առավել հանդիսավորության համար և ձեզ անձամբ շնորհավորելու սպասումով, մտածեցի գնալ իմ հին ցնցոտին փոխել վերադարձիցս հետո հանած վիցմունդիրովս, որը և իրագործեցի, ինչպես, հավանաբար, իշխան, դուք նկատեցիք, ամբողջ երեկոն ինձ տեսնելով վիցմունդիր հագած։ Հագուստս փոխելով, ես սերթուկիս գրպանում մոռացա դրամապանակս... Իսկապես, երբ աստված կանխատեսում է պատժել, ապա ամենից առաջ խլում է խելքը։ Եվ միայն այսօր, արդեն ժամը ութի կեսին. արթնանալով, գժի պես վեր թռա, առաջին հերթին ձեռքս առա սերթուկս՝ լոկ դատարկ դրպան։ Դրամապանակիս հետքն իսկ չքացել էր։

— Ախ, դա տհա՜ճ է։

— Այդ է որ տհաճ է. և դուք իսկական տակտով հիմա գտաք պատշաճ արտահայտությունը,— ոչ առանց նենգության ավելացրեց Լեբեդևը։

— Բայը այդ ինչպես...— անհանգստացավ իշխանը, խորամուխ լինելով,— ախր դա լուրջ բան է։

— Այդ է որ լուրջ բան է,— ձեր կողմից գտնված ևս մի ուրիշ բառ, իշխան, բնորոշելու համար...

— Ախ, հերիք է, Լուկիան Տիմոֆեիչ, այստեղ գտնելու ի՞նչ կա։ Կարևորը բառերը չեն... ենթադրում եք, որ հարբած վիճակում կարող էիք գցա՞ծ լինել գրպանից։

— Կարող էի։ Ամեն ինչ հնարավոր է հարբած վիճակում, ինչպես դուք անկեղծորեն արտահայտվեցիք , մեծարգո իշխան։ Բայց խնդրում եմ դատեք, եթե ես գրպանից թափ եմ տվել դրամապանակը, ապա թափ տված իրը պետք է ընկած լիներ հենց այդտեղ, հատակին։ Իսկ ո՞ւր է այդ իրը։

— Արդյոք որևէ տեղ չե՞ք դրել, սեղանի արկղը։

— Ամեն տեղ որոնել եմ, ամեն ինչ տակնուվրա արել, առավել ևս, որ ոչ մի տեղ չեմ պահել և ոչ մի արկղ բաց չեմ արել, որը պարզ հիշում եմ։

— Պահարանիկում նայե՞լ եք։

— Առաջին հերթին, և նույնիսկ այսօր արդեն մի քանի անգամ... և ինչպե՞ս կարող էի պահարանիկում դնել, անկեղծորե՛ն հարգելի իշխան։

— Խոստովանում եմ, Լեբեդև, դա ինձ անհանգստացնում է։ Նշանակում է, որևէ մեկը գտե՞լ է հատակին։

— Կամ հափշտակել է գրպանիցս։ Երկու ալտերնատիվ։

— Դա ինձ շատ է անհանգստացնում, որովհետև ո՞վ պիտի լինի... ահա հարցը։

— Առանց մի կասկածի, դա է գլխավոր հարցը, դուք զարմանալի ճիշտ եք գտնում բառերն ու մտքերը և որոշում եք իրավիճակները, ամենապայծառափայլ իշխան։

— Ախ, Լուկիան Տիմոֆեիչ, թողեք ծաղրանքները, այստեղ...

— Ծաղրանքնե՜րը,— գոչեց Լեբեդևը ձեռքերը իրար խփելով։

— Դե-դե-դե, լավ, չէ՞ որ ես չեմ բարկանում, այստեղ բոլորովին այլ բան է... Ես մարդկանց համար եմ վախենում։ Դուք ո՞ւմ եք կասկածում։

— Ամենադժվար և... ամենաբա՜րդ հարց։ Աղախնին կասկածել չեմ կարող, նա նստած էր իր խոհանոցում։ Հարազատ երեխաներիս՝ նույնպես...

— Այդ էր պակաս։

— Նշանակում է հյուրերից որևէ մեկն է։

— Բայց մի՞թե դա հնարավոր է։

— Բոլորովին և վերին աստիճանի անհնար է, բայց անպայման այդպես պետք է լինի։ Համաձայն եմ, սակայն, ենթադրել, և նույնիսկ համոզված եմ, որ եթե գողություն է եղել, ապա կատարվել է ոչ թե երեկոյան, երբ բոլորը հավաքված էին, այլ արդեն գիշերը կամ նույնիսկ առավոտյան կողմ, գիշերածներից մեկնումեկի կողմից։

— Ախ, աստվա՜ծ իմ։

— Բուրդովսկուն և Նիկոլայ Արդալիոնովիչին ես, բնականաբար, բացառում եմ, նրանք նույնիսկ չեն մտել իմ սենյակը։

— Այդ էր պակաս, եթե նույնիսկ մտած լինեին։ Ո՞վ է գիշերել ձեզ մոտ։

— Ինձ էլ հետները հաշված, գիշերել ենք չորս հոգի, երկու կից սենյակներում, ես, գեներալը, Կելլերը և պարոն Ֆերդիշչենկոն։ Նշանակում է, մեր չորսից մեկն է։

— Այսինքն՝ երեքից, բայց ո՞վ է։

— Ես ինձ էլ հաշվեցի արդարության և կարգի ու կանոնի համար. բայց համաձայնեցեք, իշխան, որ ես ինքս ինձնից գողանալ չէի կարող, թեև աշխարհում եղել են այդպիսի դեպքեր...

— Ախ, Լեբեդև, ինչ ձանձրալի է սա,— անհամբեր գոչեց իշխանը,— գործին անցեք, ի՞նչ եք ձգձգում...

— Նշանակում է, մնում են երեքը, և նախ և առաջ պարոն Կելլերը, անկայուն մարդ, հարբած մարդ և որոշ դեպքերում լիբերալ, այսինքն՝ գրպանի վերաբերյալ, իսկ մնացյալում, ավելի, այսպես ասած, հին ասպետական, քան թե լիբերալ հակումներով։ Նա սկզբում գիշերեց այստեղ, հիվանդի սենյակում, և հետո միայն գիշերը տեղափոխվեց մեզ մոտ այն պատրվակով, որ մերկ հատակը չոր է քնելու համար։

— Դուք նրա՞ն եք կասկածում։

— Կասկածում էի։ Երբ առավոտյան ժամը ութին գժի պես վեր թռա և ձեռքով ճակատիս խփեցի, ապա անմիջապես արթնացրի գեներալին, որը քնած էր անմեղության քնով։ Հաշվի առնելով Ֆերդիշչենկոյի տարօրինակ անհայտացումը, որը արդեն ինքնին մեր մեջ կասկած հարուցեց, մենք երկուսս էլ անմիջապես վճռեցինք խուզարկել Կելլերին, որը պառկել էր ինչպես... ինչպես... համարյա մեխի պես։ Խուզարկեցինք լիովին. գրպաններում ոչ մի սանտիմ և նույնիսկ ոչ մի գրպան չգտնվեց, որ ծակ չլիներ։ Մի քթի թաշկինակ կապույտ, վանդակավոր, բամբակե, անվայելուչ վիճակում։ Այնուհետև մի սիրային տոմսակ ինչ-որ աղախնուց, փողի պահանջով և սպառնալիքներով և ձեզ ծանոթ ֆելիետոնի պատառները։ Գեներալը վճռեց, որ անմեղ է։ Լիակատար տեղեկությունների համար մենք նրան արթնացրինք, բոթբթելով հոգիներս դուրս եկավ. հազիվ հասկացավ, թե բանն ինչ է. բերանը բաց է արել, տեսքը հարբած է, դեմքի արտահայտությունն անհեթեթ ու անմեղ, նույնիսկ հիմար, նա չէ։

— Դե, որքան ուրախ եմ,— ուրախացած շունչ քաշեց իշխանը,— ես նրանից էի վախենում։

— Վախենո՞ւմ էիք։ Նշանակում է, արդեն հի՞մք ունեիք դրա համար,— աչքերը կկոցեց Լեբեդևը։

— Օ ոչ, ես այնպես,— դեմ առավ իշխանը,— ես շատ հիմար ձևով ասացի, թե վախենում էի։ Բարի եղեք, Լեբեդև, ոչ ոքի չասեք...

— Իշխա՜ն, իշխա՜ն։ Ձեր խոսքերը իմ սրտումն են... Իմ սրտի խորքում։ Այնտեղ շիրիմ է...— ոգևորված ասաց Լեբեդևը, գլխարկը սրտին սեղմելով։

— Լավ, լավ... նշանակում է, Ֆերդիշչենկո՞ն է։ Այսինքն, ես ուզում եմ ասել, դուք Ֆերդիշչենկոյի՞ն եք կասկածում։

— Հապա էլ ո՞ւմ,— կամացուկ արտասանեց Լեբեդևը, ուշադիր նայելով իշխանին։

— Դե հա, հասկանալի է... հապա էլ ո՞ւմ... այսինքն, դարձյալ, ի՞նչ հանցանշաններ կան։

— Հանցանշաններ կան։ Նախ և առաջ առավոտյան ժամը յոթին կամ յոթից էլ առաջ անհայտանալը։

— Գիտեմ, Կոլյան ինձ ասաց, որ նա գնացել էր նրա մոտ և ասել, որ գնում է գիշերը լուսացնելու... մոռացա, թե ում մոտ, իր բարեկամի մոտ։

— Վիլկինի։ Նշանակում է, Նիկոլայ Արդալիոնովիչն արդեն ձեզ ասե՞լ է։

— Նա գողության մասին ոչինչ չի ասել։

— Նա չգիտի էլ, որովհետև ես առայժմ գործը գաղտնի եմ պահում։ Այդպես ուրեմն, գնում է Վիլկինի մոտ. թվում է, ի՞նչ զարմանալի բան կա, որ հարբած մարդը գնում է իր նման մի հարբածի մոտ, թեկուզև լույսը նոր բացված և առանց որևէ պատճառի։ Բայց ահա հենց այստեղ բացվում է հետքը. այստեղից գնալով, նա թողնում է հասցեն... Հիմա հետևեցեք, իշխան, հարց է առաջանում. նա ինչո՞ւ թողեց հասցեն... Ինչո՞ւ նա հատկապես անցնում է Նիկոլայ Արդալիոնովիչի մոտ, պտույտ է անում, և նրան հայտնում է, որ «իբր, գնում է Վիլկինի մոտ գիշերը այնտեղ լուսացնելու»։ Եվ ո՞վ պիտի հետաքրքրվի դրանով, որ նա գնում է և նույնիսկ հենց Վիլկինի մոտ։ Ի՞նչ կարիք կա հայտարարելու։ Չէ, այստեղ նրբություն կա, գողի նրբություն։ Դա նշանակում է. «Ահա, իբր, դիտմամբ չեմ թաքցնում հետքերս, դրանից հետո ես ի՞նչ գող եմ։ Մի՞թե գողը կհայտարարեր, թե ուր է գնում»։ Կասկածներն իրենից վանելու և, այսպես ասած, ավազի վրայից իր հետքերը ջնջելու ավելորդ հոգատարություն... Ինձ հասկացա՞ք, մեծարգո իշխան։

— Հասկացա, շատ լավ հասկացա, բայց չէ՞ որ դա քիչ է։

— Երկրորդ հանցանշանը, հետքը կեղծ է դուրս գալիս, իսկ տված հասցեն՝ ոչ ճիշտ։ Մի ժամ անց, այսինքն՝ ժամը ութին ես արդեն բախում էի Վիլկինի դուռը. նա այստեղ, հինգերորդ փողոցում է, և նույնիսկ ծանոթ է։ Ոչ մի Ֆերդիշչենկո չկար։ Չնայած բոլորովին խուլ աղախնից կարողացա իմանալ, որ մի ժամ առաջ իրոք մեկը դուռը բախել է և նույնիսկ բավական ուժեղ, այնպես որ նույնիսկ գանգն է պոկվել։ Բայց աղախինը բաց չի արել, չուզենալով արթնացնել պարոն Վիլկինին, իսկ գուցե և ինքն էլ չուզենալով տեղից վեր կենալ։ Այդպես լինում է։

— Եվ դրա՞նք են ձեր բոլոր հանցանշանները։ Դա քիչ է։

— Իշխան, բայց էլ ո՞ւմ կասկածեմ, դատեցեք,— սրտաշարժված եղրափակեց Լեբեդևը, և ինչ-որ խորամանկ բան փայլատակեց նրա ծաղրի մեջ։

— Մի անգամ էլ փնտրեիք սենյակներում և արկղներում,— մտահոգված արտասանեց իշխանը մի փոքր մտածմունքից հետո։

— Փնտրել եմ,— ավելի ևս սրտաշարժված հոգոց հանեց Լեբեդևը։

— Հըմ... և ինչո՞ւ, ինչո՞ւ փոխեցիք ձեր սերթուկը,— բացականչեց իշխանը, զայրացած թխկացնելով սեղանին։

— Հարց՝ մի հինավուրց կոմեդիայից։ Բայց, ամենաբարեհոգի իշխան։ Դուք արգեն ձեր սրտին շատ մոտիկ եք ընդունում իմ դժբախտությունը։ Ես դրան արժանի չեմ։ Այսինքն՝ միայն ես արժանի չեմ։ Բայց դուք տանջվում եք նաև հանցագործի համար... աննշան պարոն Ֆերդիշչենկոյի համար։

— Դե այո, այո, դուք իրոք ինձ մտահոգեցիք,— մտացրիվ ու գժգոհ նրա խոսքը կտրեց իշխանը։— Այսպես, ուրեմն, ի՞նչ եք մտադիր անել... եթե այդպես համոզված եք, որ Ֆերդիշչենկոն է։

— Իշխան, մեծարգո իշխան, ուրիշ էլ ո՞վ,— աճող խանդաղատանքով կուչուձիգ էր անում Լեբեդևը,— չէ՞ որ մի ուրիշի չլինելու հանգամանքը, որին կարելի լիներ կասկածել և, այսպես ասած, բացի պարոն Ֆերդիշչենկոյից, ուրիշ որևէ մեկին կասկածելու լիակատար անհնարինությունը, չէ՞ որ սա էլ, այսպես ասած, մի հանցանշան է պարոն Ֆերդիշչենկոյի դեմ, արդեն երրորդ հանցանշանը։ Որովհետև, դարձյալ՝ հապա էլ ո՞վ։ Հո պարոն Բուրդովսկուն չե՞մ կասկածելու, հի՜-հի՜-հի՜։

— Դե, ի՞նչ դատարկ բան։

— Վերջապես հո գեներալին չե՞մ կասկածելու, հի՛-հի՛-հի՛։

— Ի՞նչ անհեթեթ բան,— գրեթե բարկացած ասաց իշխանը, անհամբեր շրջվելով տեղում։

— Իհարկե անհեթե՜թ բան։ Հի՜-հի՜-հի՜։ Եվ այ թե ծիծաղս բերեց մարդը, այսինքն՝ գեներալը։ Նրա հետ քիչ առաջ թարմ հետքերով գնում ենք Վիլկինի մոտ... իսկ պետք է ձեզ ասեմ, որ գեներալն ինձնից ավելի էր ապշած, երբ ես կորուստից հետո առաջին հերթին նրան արթնացրի, նույնիսկ այնպես, որ դեմքն այլայլվեց, կարմրեց, գունատվեց և, վերջապես, հանկարծ այնպիսի դաժան ու ազնիվ զայրույթով բռնկվեց, որ ես նույնիսկ չէի սպասում այդ աստիճան։ Ազնվագո՜ւյն մարդ է։ Նա անընդհատ ստում է, թուլությունից, բայց բարձրագույն զգացմունքների տեր մարդ է, ընդսմին սակավամիտ մարդ է, իր անմեղությամբ լիակատար վստահություն ներշնչող մարդ։ Ես ձեզ արդեն ասել եմ, մեծարգո իշխան, որ ոչ միայն թուլություն ունեմ նրա նկատմամբ, այլ նույնիսկ սեր եմ տածում։ Հանկարծ կանգ է առնում փողոցի մեջտեղում, արձակում է սերթուկը, կուրծքը բաց անում, «Խաղարկիր ինձ, ասում է, դու Կելլերին խուզարկեցիր, ինչո՞ւ ինձ չես խուզարկում։ Այդ է պահանջում, ասում է, արդարությունը»։ Ձեռքերն ու ոտքերը դողում են, նույնիսկ բոլորովին գույնը գցեց, այնպես ահեղ տեսք ունի։ Ես ծիծաղեցի և ասում եմ. «Լսիր, ասում եմ, գեներալ, եթե մեկ ուրիշն ասեր ինձ քո մասին, ես տեղնուտեղը սեփական ձեոքերով գլուխս կկտրեի, կդնեի մի մեծ սկուտեղի վրա և անձամբ, սկուտեղի վրա կմատուցեի բոլոր կասկածողներին. «Ահա, իբր, տեսնո՞ւմ եք այս գլուխը, ահա ուրեմն այս սեփական գլխովս կերաշխավորեմ նրա համար, և ոչ միայն գլուխս կկտրեմ, այլ նույնիսկ կրակը կնետվեմ»։ Ահա, ասում եմ, ինչպես եմ պատրաստ երաշխավորել քեզ համար»։ Այստեղ նա նետվեց իմ գիրկը, բոլորը փողոցի մեջտեղում, լացակումեց, դողում է, և այնպես ամուր սեղմեց իր կրծքին, որ նույնիսկ հազիվ շունչս ետ բերի. «Դու, ասում է, միակ բարեկամն ես, որ մնացել ես ինձ դժբախտություններիս մեջ»։ Զգայո՜ւն մարդ է։ Դե, հասկանալի է, հենց այդտեղ ճանապարհին ի դեպ մի անեկդոտ պատմեց այն մասին, թե իբր նրան էլ մի անգամ դեռ երիտասարդ, ժամանակ կասկածել են հինգ հարյուր հազար ռուբլու գողության մեջ, բայց որ նա հաջորդ իսկ օրը նետվել է վառվող տան բոցերի մեջ և կրակից դուրս է բերել իրեն կասկածող կոմսին և Նինա Ալեքսանդրովնային, որը դեռ օրիորդ էր։ Իշխանը գրկել է Իվոլգինին, և այդպիսով կայացել է նրա ամուսնությունը Նինա Ալեքսանդրովնայի հետ, իսկ հենց հաջորդ օրը հրդեհի փլատակներում գտել են և կորած փողերով արկղիկը. արկղիկը երկաթե էր, անգլիական կառուցվածքի, գաղտնի փականքով, և ինչ-որ ձևով հատակի տակն է գլորվել, այնպես որ ոչ ոք չի նկատել, և միայն այդ հրդեհի շնորհիվ է գտնվել։ Կատարյա՜լ սուտ։ Բայց երբ սկսեց Նինա Ալեքսանդրովնայի մասին խոսել, նույնիսկ թնկթնկաց։ Ազնվագույն անձնավորություն է Նինա Ալեքսանդրովնան, թեպետև բարկացած է ինձ վրա։

— Դուք ծանոթ չե՞ք։

— Համարյա թե ոչ, բայց ամբողջ հոգով կցանկանայի, թեկուզ միայն նրա համար, որ արդարանայի նրա առաջ։ Նինա Ալեքսանդրովնան ինձնից նեղացած է, որ իբր թե հիմա ես հարբեցողությամբ այլասերում եմ նրա ամուսնուն։ Բայց ես ոչ միայն չեմ այլասերում, այլ ավելի շուտ զսպում եմ նրան, ես նրան, կարող է պատահել, հեռու եմ պահում ամենակործանարար կամպանիայից։ Ըստ որում նա իմ բարեկամն է, և, խոստովանում եմ, հիմա արդեն չեմ լքի նրան, այսինքն՝ նույնիսկ առանց այդ էլ, ուր որ նա է գնում, ես էլ այնտեղ, որովհետև նրան միայն զգայնությամբ կարող ես հաղթել։ Հիմա նա նույնիսկ բոլորովին չի գնում իր կապիտանուհու մոտ, թեկուզև թաքուն ձգտում է դեպի նա, հատկապես ամեն առավոտ, երբ վեր է կենում և սապոգներն է հագնում, չգիտեմ թե ինչու հատկապես այդ ժամանակ։ Նա փող չունի, իսկ այդ կնոջ մոտ առանց փողի ոչ մի կերպ չի կարելի։ Նա ձեզնից փող չի՞ խնդրել, մեծարգո իշխան։

— Ոչ, չի խնդրել։

— Ամաչում է։ Նա մտադիր էլ էր. նույնիսկ ինձ խոստովանեց, որ ուզում է ձեզ անհանգստացնել, բայց ամաչկոտ է, որովհետև դուք դեռ նորերս էիք նրան փող տվել, և բացի այդ, ենթադրում է, որ չեք տա. նա, ինչպես բարեկամի, իմ առաջ սիրտը բացեց։

— Իսկ դուք նրան փող չե՞ք տալիս։

— Իշխա՜ն։ Մեծարգո իշխան։ Ոչ միայն փող, այլ այդ մարդու համար ես, այսպես ասած, նույնիսկ կյանքս... ասենք, ոչ, չեմ ուզում չափազանցնել, կյանքս չէ, բայց եթե, այսպես ասած, տենդ, մի որևէ պալար կամ նույնիսկ հազ լինի, աստված վկա, պատրաստ եմ տանել, եթե միայն շատ մեծ կարիք լինի, որովհետև նրան համարում եմ մեծ, բայց կորա՜ծ մարդ։ Ահա՛. ոչ միայն փող։

— Նշանակում է, փող տալի՞ս եք։

— Ո-ոչ. ես փող չեմ տվել և նա ինքն էլ գիտի, որ չեմ տա, բայց չէ՞ որ միմիայն նրան զսպելու և ուղղելու նպատակով։ Հիմա ինձ պոչ է եղել, որ հետս գա Պետերբուրգ. ախր ես Պետերբուրգ գնում եմ, որպեսզի պարոն Ֆերդիշչենկոյին գտնեմ ամենաթարմ հետքերով, որովհետև հաստատ գիտեմ, որ նա արդեն այնտեղ է։ Իմ գեներալն ուղղակի եռ է գալիս, բայց կասկածում եմ, որ Պետերբուրգում ինձնից կծլկի, որպեսզի այցելի կապիտանի այրուն։ Խոստովանում եմ, նույնիսկ դիտմամբ նրան մոտիցս բաց կթողնեմ, ինչպես և արդեն պայմանավորվել ենք տեղ հասնելուն պես իսկույն բաժանվել տարբեր կողմեր, որպեսզի ավելի հարմար որսանք պարոն Ֆերդիշչենկոյին։ Ահա, ուրեմն, նրան բաց կթողնեմ, իսկ հետո հանկարծ, անսպասելի, նրան կբռնեմ կապիտանի այրու մոտ, իսկապես ասած, նրան ամաչեցնելու համար, որպես ընտանիքավոր մարդու և որպես մարդու առհասարակ ասած։

— Միայն թե աղմուկ չանեք, Լեբեդև, ի սեր աստծու, աղմուկ չանեք,— կիսաձայն և սաստիկ անհանգտությամբ ասաց իշխանը։

— Օ, ոչ, իսկապես ասած, միայն ամաչեցնելու և տեսնելու համար, թե ինչ դեմք ցույց կտա, որովհետև դեմքից շատ բան կարելի է եզրակացնել, մեծարգո իշխան, և հատկապես այդպիսի մարդու դեմքից։ Ախ, իշխան, թեև մեծ է իմ սեփական դժբախտությունը, բայց նույնիսկ հիմա չեմ կարող չմտածել նրա մասին և նրա բարոյականությունն ուղղելու մասին։ Մի մեծ խնդիրք ունեմ ձեզ, մեծարդո իշխան, նույնիսկ, խոստովանում եմ, ճիշտն ասած, հենց դրա համար էլ եկել եմ. նրա տան հետ դուք արդեն ծանոթ եք և նույնիսկ ապրել եք նրանց մոտ. ուստի եթե դուք, ամենաբարեհոգի իշխան, վճռեիք դրանում ինծ օժանդակել, իսկապես ասած, միմիայն գեներալի համար և նրա երջանկության համար...

Լեբեդևը նույնիսկ ձեռքերը միացրեց, ասես աղերսելով։

— Իսկ ի՞նչ է։ Ի՞նչ ձևով օժանդակեմ։ Համոզված եղեք, որ ես շատ եմ ուզում ձեզ լիովին հասկանալ, Լեբեդև։

— Միմիայն այդ համոզմամբ էլ ներկայացա ձեզ մոտ։ Նինա Ալեքսանդրովնայի միջոցով կարելի կլիներ ներգործել, շարունակ դիտելով ու, այսպես ասած, հետևելով նորին գերազանցությանը, նրա սեփական ընտանիքի ընդերքում։ Ես, դժբախտաբար, ծանոթ չեմ... ընդսմին այստեղ հավանաբար կարող էր օգնել նաև Նիկոլայ Արդալիոնովիչը, որը ձեզ պաշտում է, այսպես ասած, իր մատաղ հոգու ամբողջ ընդերքով...

— Ո-ոչ... Նինա Ալեքսանդրովնային խառնել այդ գործին... աստված մի արասցե՜։ Եվ Կոլյային էլ... ասենք, գուցե ես դեռ չեմ էլ հասկանում ձեզ, Լեբեդև։

— Դե այստեղ իսկի հասկանալու բան էլ չկա,— աթոռի վրա նույնիսկ վեր թռավ Լեբեդևը։ Միայն, միայն զգայնություն ու քնքշություն, ահա ամբողջ դեղը մեր հիվանդի համար։ Դուք, իշխան, ինձ թույլ տալի՞ս եք նրան հիվանդ համարել։

— Դա նույնիսկ ցույց է տալիս ձեր նրբավարությունն ու խելքը։

— Ձեզ բացատրեմ օրինակով, որ պարզության համար վերցված է պրակտիկայից։ Տեսնո՞ւմ եք, դա ինչպիսի մարդ է. նա հիմա այստեղ մի թուլություն ունի դեպի այդ կապիտանի այրին, որի մոտ չի կարող ներկայանալ առանց փողի և որի մոտ ես այսօր մտադիր եմ բռնել նրան, նրա իսկ երջանկության համար, բայց ենթադրենք, որ միայն կապիտանի այրին չլիներ, այլ նա նույնիսկ իսկական հանցանք գործեր, դե, ասենք մի որևէ ամենաանազնիվ զանցանք (թեև նա լիովին անընդունակ է դրան), ապա այն ժամանակ էլ, ասում եմ, նրա հետ միմիայն, այսպես ասած, ազնիվ քնքշությամբ ամեն ինչի կհասնես, որովհետև շատ զգայուն մարդ է։ Հավատացեք, որ հինգ օր էլ չի դիմանա, ինքը խոսք կթռցնի, լաց կլինի և ամեն ինչ կխոստովանի, և հատկապես, եթե գործելու լինենք ճարպիկ ու ազնիվ, ընտանիքի և ձեր հսկողության միջոցով, նրա բոլոր, այսպես ասած, գծերի ու քայլերի վրա... օ, ամենաբարեհոգի իշխան,— վեր թռավ Լեբեդևը, նույնիսկ մի տեսակ ոգևորությամբ,— ես ախր չեմ էլ պնդում, որ նա հավանաբար... Ես, այսպես ասած, պատրաստ եմ թեկուզ հիմա ամբողջ արյունս հեղել նրա համար, թեև համաձայնեցեք, որ անզսպությունն ու հարբեցողությունը, և կապիտանի այրին, և այդ բոլորը միասին վերցըրած կարող են ամեն ինչի հասցնել։

— Այդպիսի նպատակի ես, իհարկե, միշտ պատրաստ եմ օժանդակելու,— ասաց իշխանը, վեր կենալով- միայն խոստովանում եմ ձեզ, Լեբեդև, ես սարսափելի անհանգստացած եմ. ասացեք, չէ՞ որ դուք դեռևս... մի խոսքով, դուք ինքներդ եք ասում, որ կասկածում եք պարոն Ֆերդիշչենկոյին։

— Հապա էլ ո՞ւմ, հապա էլ ո՞ւմ, ամենաանկեղծ իշխան,— նորից սրտառուչ ձեռները կրծքին սեղմեց Լեբեդևը, գորովալից ժպտալով։

Իշխանը խոժոռվեց և տեղից վեր կացավ։

— Գիտե՞ք ինչ, Լուկյան Տիմոֆեիչ, այստեղ սարսափելի բան է սխալվելը։ Այդ Ֆերդիշչենկոն... Ես չէի ուզենա նրա մասին վատ բան ասել... Բայց այդ Ֆերդիշչենկոն... այսինքն՝ ո՞վ գիտե, կարող է պատահել, որ նա է... Ես ուզում եմ ասել, որ, գուցե, նա իսկապես էլ ավելի է ընդունակ դրան, քան... քան թե մեկ ուրիշը։

Լեբեդևը սրեց աչքերն ու ականջները։

— Գիտե՞ք ինչ,— ավելի ու ավելի էր խճճվում և խոժոռվում իշխանը, սենյակում անցուդարձ անելով և աշխատելով չնայել Լեբեդևին,— ինձ հայտնեցին... ինձ ասացին պարոն Ֆերդիշչենկոյի մասին, որ իբր թե, բացի ամեն ինչից, այնպիսի մարդ է, որի ներկայությամբ պետք է խուսափել և ոչ մի... ավելորդ բան չասել, հասկանո՞ւմ եք։ Ես նրա համար եմ ասում, որ գուցե իսկապես էլ նա ավելի ընդունակ է, քան մեկ ուրիշը... որպեսզի չսխալվեմ, ահա թե ինչն է գլխավորը, հասկանո՞ւմ եք։

— Իսկ դա ձեզ ո՞վ է հայտնել պարոն Ֆերդիշչենկոյի մասին,— ուղղակի վրա ընկավ Լեբեդևը։

— Այնպես, ինձ կամացուկ ասացին։ Ասենք, ես ինքս դրան չեմ հավատում... Ես շատ ափսոսում եմ, որ ստիպված եղա սա հայտնել, հավատացնում եմ ձեզ, ես ինքս էլ դրան չեմ հավատում... դա որևէ ցնդաբանություն կլինի... Թո՛ւ, ինչ հիմար բան արեցի ես։

— Գիտե՞ք ինչ, իշխան,— նույնիսկ ամբողջ մարմնով դողալ սկսեց Լեբեդևը,— դա կարևոր է, դա հիմա չափազանց կարևոր է, այսինքն՝ ոչ թե պարոն Ֆերդիշչենկոյի վերաբերյալ, այլ այն բանի, թե ձեզ ինչպես է հասել այդ լուրը։ (Այդ ասելիս Լեբեդևը իշխանի հետևից ետ ու առաջ էր վազում, ջանալով նրան համընթաց քայլել)։ Ահա թե ես էլ հիմա ինչ կհայտնեմ, իշխան, քիչ առաջ գեներալը, երբ նրա հետ գնում էի այդ Վիլկինի մոտ, նրանից հետո, երբ ինձ պատմեց հրդեհի մասին և, հասկանալի է, զայրույթից եռալով, հանկարծ սկսեց ինձ ակնարկել նույն բանը պարոն Ֆերդիշչենկոյի մասին, բայց այնպես անկապ ու կցկտուր, որ ես ակամա նրան մի քանի հարց տվի և դրա հետևանքով լիովին համոզվեցի, որ այդ ամբողջ լուրը լոկ նորին գերազանցության ներշնչանքն է... իսկապես որ, այսպես ասած, լոկ բարեհոգությունից դրդված։ Որովհետև նա սուտն էլ ասում է միմիայն նրա համար, որ չի կարող զսպել խանդաղատանքը։ Հիմա բարեհաճում եք տեսնել, եթե նա սուտ է ասել, իսկ ես դրանում համոզված եմ, ապա ի՞նչ ձևով կարող էիք դուք ևս իմանալ։ Հասկացեք, իշխան, ախր դա նրա մեջ րոպեի ներշնչանք էր, ապա, նշանակում է, ձեզ ո՞վ հայտնեց։ Դա կարևոր է և... այսպես ասած...

— Դա նոր ինձ Կոլյան ասաց, իսկ նրան ասել էր հայրը, որին նա հանդիպել էր ժամը վեցին, վեցից անց, հաշտում, երբ ինչ֊որ բանի համար դուրս էր եկել։

Եվ իշխանը մանրամասն ամեն ինչ պատմեց։

— Դե, ահա, սա հենց կոչվում է հետք,— ձեռները շփելով անձայն ծիծաղում էր Լեբեդևը,— ես այդպես էլ կարծում էի։ Դա նշանակում է, որ նորին գերազանցությունը հատկապես ընդհատել է իր անմեղ քունը ժամը վեցը չեղած, որպեսզի գնա արթնացնի սիրելի որդուն և հայտնի պարոն Ֆերդիշչենկոյի հարևանության արտակարգ վտանգավորությունը։ Դրանից հետո ինչպիսի՜ վտանգավոր մարդ է պարոն Ֆերդիշչենկոն, և ինչպիսի՜ն է նորին գերազանցության ծնողական անհանգստությունը։ Հի՜-հի՜-հի՜։

— Լսեցեք, Լեբեդև,— վերջնականապես շփոթվեց իշխանը,— լսեցեք, գործեցեք կամացուկ։ Աղմուկ մի հանեք։ Ես ձեզ խնդրում եմ, Լեբեդև, ես ձեզ աղաչում եմ... Այդ դեպքում, երդվում եմ, կօժանդակեմ ձեզ, բայց պայմանով, որ ոչ ոք չիմանա, պայմանով, որ ոչ ոք չիմանա։

— Համոզված եղեք, ամենաբարեհոգի, ամենաանկեղծ և ազնվագույն իշխան,— գոչեց Լեբեդևը կատարյալ ոգեշնչմամբ — համողված եղեք, որ ամբողջ սույնը կմեռնի իմ ազնվագույն սրտում։ Կամացուկ քայլերով, միասի՜ն։ Կամացուկ քայլերով, միասի՜ն։ Ախր ես նույնիսկ ամբողջ արյունս... ամենապայծառափայլ իշխան, ես ստոր եմ թե՛ հոգով, թե՛ ոգով, բայց հարցրեք ամեն մի նույնիսկ սրիկայի, ոչ միայն ստոր մարդու. նրա համար ավելի լավ է ո՞ւմ հետ գործ ունենալ, արդյոք իր նման մի սրիկայի, թե ձեզ նման ամենաազնվագույն մարդու հետ, ամենաանկեղծ իշխան։ Նա կպատասխանի, որ ամենաազնվագույն մարդու հետ, և դրանում է առաքինության հաղթանակը։ Ցտեսություն, մեծարգո՜ իշխան։ Կամացուկ քայլերով... կամացուկ քայլերով և... միասին։

X

Իշխանը վերջապես հասկացավ, թե ինչու էր ամեն անգամ սարսռում, երբ դիպչում էր այդ երեք նամակին, և ինչու մինչև երեկո շարունակ հեռացնում էր դրանք կարդալու րոպեն։ Երբ նա դեռ այն ժամանակ առավոտյան ծանր քնով քնեց իր թախտին, դեռ շարունակ չհամարձակվելով բացել այդ ծրարներից մեկնումեկը, նա նորից ծանր երազ տեսավ, և նորից նրա երազն եկավ միևնույն «ճրագործուհին»։ Նա նորից նայում էր իշխանին երկար արտևանունքների վրա շողացող արցունքներով, նորից նրան կանչում էր իր հետևից, և նորից իշխանը զարթնեց, ինչպես այն ժամանակ, տառապանքով հիշելով նրա դեմքը։ Իշխանն ուզեց նրա մոտ գնալ անմիջապես, բայց չէր կարող, վերջապես, գրեթե հուսահատ, բացեց նամակները և սկսեց կարդալ։

Այդ նամակներն էլ նման էին երազի։ Երբեմն մարդ տարօրինակ, անհնար ու անբնական երազներ է տեսնում. արթնանալով, դրանք պարզ մտաբերում է և զարմանում տարօրինակ փաստի վրա. ամենից առաջ դուք հիշում եք, որ գիտակցությունը ձեզ չէր լքել ձեր երազատեսության ամբողջ ընթացքում. նույնիսկ մտաբերում եք, որ դուք գործում էիք չափազանց խորամանկ ու տրամաբանորեն այդ ամբողջ երկար, երկար ժամանակ, երբ ձեզ շրջապատել էին մարդասպանները, երբ նրանք խորամանկում էին, թաքցնում իրենց մտադրությունը, ձեզ հետ վարվում էին բարեկամաբար, մինչդեռ նրանց մոտ զենքը արդեն պատրաստի վիճակում էր և նրանք սպասում էին լոկ որևէ նշանի. դուք մտաբերում եք, թե վերջապես ինչ խորամանկությամբ նրանց խաբեցիք, թաքնվեցիք նրանցից, հետո դուք գլխի ընկաք, որ նրանք անգիր գիտեն ձեր ամբողջ խաբեությունը, և միայն ձեզ ցույց չեն տալիս, որ գիտեն, թե դուք որտեղ եք թաքնվել, բայց դուք նորից խորամանկեցիք ու խաբեցիք նրանց, այդ բոլորը դուր պարզ մտաբերում եք։ Բայց ինչո՞ւ միևնույն ժամանակ ձեր բանականաթյունը կարող է հաշտվել այդպիսի ակներև անհեթեթությունների ու անհնարինությունների հետ, որոնցով, ի դեպ, լի էր ձեր երազը։ Ձեր մարդասպաններից մեկը ձեր աչքի առաջ դարձավ կին, իսկ կնոջից վերափոխվեց փոքրիկ, խորամանկ, զզվելի գաճաճի, և դուք իսկույն դա հնարավոր համարեցիք, որպես կատարված փաստ, գրեթե առանց նվազագույն տարակուսանքի, և հենց բուն այն ժամանակ, երբ մյուս կողմից ձեր բանականությրւնը ամենասաստիկ լարված վիճակում էր, դրսևորում էր արտասովոր ուժ, խորամանկություն, կռահելու ընդունակություն, տրամաբանություն։ Ինչո՞ւ նաև, քնից արթնանալով ու արդեն լիովին մտնելով իրականություն, գրեթե ամեն անգամ զգում եք, երբեմն էլ նույնիսկ արտասովոր ուժեղ տպավորված, որ քնի հետ մեկտեղ դուք թողնում եք ձեզ համար չպարզաբանված մի բան։ Դուք քմծիծաղում եք ձեր երագի վրա և միևնույն ժամանակ զգում եք, որ այդ անհեթեթությունների միահյուսման մեջ պարունակվում է ինչ֊որ միտք, բայց արդեն իրական միտք, ձեր իրական կյանքին վերաբերող մի բան, մի բան, որ գոյություն ունի և միշտ գոյություն է ունեցել ձեր սրտում. կարծես թե ձեր երազով ձեզ մի նոր, մարգարեական բան է ասվել, որին դուք սպասում էիք. ձեր տպավորությունն ուժեղ է, դա ուրախալի կամ տանջալի է, բայց թե ինչումն է կայանում և ձեզ ինչ է ասված եղել այդ ամենը դուք չեք կարող ոչ հասկանալ, ոչ մտաբերել։

Գրեթե նույն բանն էր և այդ նամակներից հետո։ Բայց դեռ նամակները բաց չարած, իշխանն զգաց, որ դրանց գոյության և հնարավորության փաստն ինքնին արդեն նման է կոշմարի։ Ինչպե՞ս է համարձակվել նա գրել նրան, հարցնում էր իշխանը, երեկոյան մենակ թափառելով (երբեմն նույնիսկ ինքն էլ չհիշելով, թե որտեղ է շրջում)։ Ինչպե՞ս կարող էր նա գրել դրա մասին, և ինչպե՞ս կարող էր նրա գլխում այդպիսի խելահեղ ցնորք ծագել։ Բայց այդ ցնորքն արդեն իրականացված էր, և իշխանի համար ամենազարմանալին այն էր, որ մինչև ինքը կարդում էր այդ նամակները, նա ինքը գրեթե հավատում էր այդ ցնորքի հնարավորությանը և նույնիսկ արդարացմանը։ Այո, իհարկե, դա երազ էր, կոշմար և խելահեղություն. բայց հենց այդտեղ էլ պարունակվում էր մի այնպիսի բան, որը տանջալիորեն իրական էր և տառապալից-արդարացի, որն արդարացնում էր և՛ երազը, և՛ կոշմարը, և՛ խելահեղությունը։ Մի քանի ժամ իրար վրա իշխանը կարծես զառանցում էր այն, ինչ կարդացել էր, րոպեն մեկ հատվածներ էր մտաբերում, կանգ էր առնում դրանց վրա, խորամուխ էր լինում դրանց մեջ։ Երբեմն նույնիսկ ուզում էր ինքն իրեն ասել, որ այդ ամենը ինքը նախազգում ու կանխագուշակում էր առաջ, նույնիսկ նրան թվում էր, որ կարծես թե այդ ամենը նա արդեն կարդացել էր մի ժամանակ, վաղուց-վաղուց, և այն ամենը, ինչի մասին նա թախծում էր այն ժամանակից ի վեր, այն ամենը, որից տանջվում ու վախենում էր, այդ ամենը պարփակվում էր իր կողմից վաղուց կարդացված այդ նամակներում։

«Երբ բաց անեք այս նամակը (այդպես էր սկսվում առաձին ուղերձը), ամենից առաջ նայեցեք ստորագրությանը։ Ստորագրությունը ձեզ ամեն ինչ կասի և ամեն ինչ կպարզաբանի, այնպես որ ձեր առաջ արդարանալու և ձեզ պարզաբանելու ոչինչ չունեմ։ Եթե գեթ ինչ-որ չափով ձեզ հավասար լինեի, դուք դեռ կկարողանայիք վիրավորվել այսպիսի հանդգնությունից, բայց ո՞վ եմ ես, և ո՞վ եք դուք։ Մենք երկու այնպիսի հակապատկերներ ենք, և ես ձեր համեմատությամբ այն աստիճան արտակարգ բան եմ, որ նույնիսկ ոչ մի ձևով չեմ կարող ձեզ վիրավորել, եթե նույնիսկ ուզենայի»։

Այնուհետև մի այլ տեղ նա գրում է.

«Իմ խոսքերը մի համարեք հիվանդ երևակայության հիվանդագին հիացում. բայց դուք ինձ համար կատարելություն եք։ Ես ձեզ տեսել եմ, ես ձեզ տեսնում եմ ամեն օր։ Չէ՞ որ ես ձեզ չեմ դատում, ես դատողությամբ չեմ հասել այն մտքին, թե դուք կատարելություն եք. ես ուղղակի հաստատապես հավատացած եմ։ Բայց իմ մեջ նաև մեղք կա ձեր առաջ. ես ձեզ սիրում եմ։ Չէ՞ որ կատարելությունը չի կարելի սիրել, կատարելությանը կարելի է նայել միայն ինչպես կատարելության, այնպես չէ՞։ Այնինչ ես ձեզ սիրահարված եմ։ Թեև սերը հավասարեցնում է մարդկանց, բայց մի անհանգստացեք, ես ձեզ չեմ հավասարեցրել ինձ, նույնիսկ ամենաթաքուն մտքումս։ Ես ձեզ գրել եմ «մի անհանգստացեք». մի՞թե դուք կարող եք անհանգստանալ... Եթե կարելի լիներ, ես կհամբուրեի ձեր ոտների հետքերը։ Օ, ես չեմ հավասարվում ձեզ հետ... նայեցեք ստորագրությանը, շուտով նայեցեք ստորագրությա՜նը»։

«Սակայն, ես նկատում եմ (գրում էր նա մյուս նամակում ), որ ձեզ միացնում եմ նրա հետ և դեռ ոչ մի անգամ չեմ հարցրել, թե արդյոք սիրո՞ւմ եք նրան։ Նա սիրեց, միայն մեկ անգամ տեսնելով ձեզ։ Նա ձեր մասին մտաբերում է ինչպես «լույսի» մասին, սա նրա սեփական խոսքերն են, ես նրանից եմ լսել դրանք։ Բայց ես առանց խոսքերի էլ հասկացա, որ դուք նրա համար լույս եք։ Ես մի ամբողջ ամիս ապրեցի նրան մոտիկ և այդտեղ հասկացա, որ դուք էլ նրան եք սիրում, դուք և նա ինձ համար մի բան եք»։

«Այդ ինչո՞ւ (գրում է նա էլի) երեկ ես անցա ձեր մոտով, և դուք կարծես թե շիկնեցիք։ Չի՛ կարող պատահել, դա ինձ այդպես թվաց։ Եթե ձեզ տանեն նույնիսկ ամենակեղտոտ մի որջ և ցույց տան մերկացած արատը, այն ժամանակ էլ դուք չպետք է շիկնեք. դուք ոչ մի դեպքում չեք կարող զայրանալ վիրավորանքի պատճառով. դուք կարող եք ատել բոլոր անարգներին ու ստորներին, բայց ոչ ձեզ համար, այլ ուրիշների, նրանց, ում այդ անարգները վիրավորում են։ Իսկ ձեզ ոչ ոք չի կարող վիրավորել։ Գիտե՞ք, ինձ թվում է, որ դուք նույնիսկ պետք է սիրեք ինձ. ինձ համար դուք նույնն եք, ինչ որ նրա համար. լուսավոր ոգի. հրեշտակը չի կարող ատել, չի կարող և չսիրել։ Արդյոք կարելի՞ է սիրել բոլորին, բոլոր մարդկանց, իր բոլոր մերձավորներին, ես հաճախ եմ այս հարցը տվել ինձ։ Իհարկե ոչ, և նույնիսկ անբնական է։ Դեպի մարդկությունը տածած վերացական սիրո մեջ սիրում ես գրեթե միմիայն քեզ։ Բայց սա մեզ համար անհնար է, իսկ դուք այլ բան եք. ինչպե՞ս կարող էիք դուք չսիրել թեկուզ որևէ մեկին, երբ ձեզ ոչ ոքի հետ չեք կարող համեմատել և երբ դուք վեր եք ամենայն վիրավորանքից, վեր եք ամենայն անձնական զայրույթից։ Մենակ դուք կարող եք սիրել առանց էգոիզմի, մենակ դուք կարող եք սիրել ոչ թե անձամբ ձեզ համար, այլ նրա համար, որին սիրում եք։ Օ, որքան դառն կլիներ ինձ համար իմանալ, որ դուք իմ պատճառով ամոթ կամ զայրույթ եք զգում։ Այստեղ ձեր կործանումն է. դուք միանգամից կհավասարվեք ինձ...

Երեկ, ձեզ հանդիպելով, տուն եկա և մի պատկեր հնարեցի։ Քրիստոսին բոլորը նկարում են ըստ ավետարանական ավանդությունների. ես այլ կերպ կնկարեի. ես նրան կպատկերեի մենակ, չէ՞ որ աշակերտները երբեմն թողնում էին նրան մենակ։ Ես նրա հետ կթողնեի մենակ մի փոքրիկ երեխայի։ Երեխան խաղում էր նրա մոտ. գուցե նրան որևէ բան էր պատմում իր մանկական լեզվով, Քրիստոս նրան լսում էր, բայց հիմա խորասուզվել է մտքերի մեջ. նրա ձեռքը ակամա, մոռացությամբ, մնացել է մանկան խարտյաշ գլխին։ Նա նայում է հեռուն, հորիզոնին. ամբողջ աշխարհի պես մի մեծ խոհ հանգչում է նրա հայացքում, դեմքը տխուր է։ Երեխան լռել է, հենվել Քրիստոսի ծնկներին և, թաթիկը թշին նեցուկ արած, գլխիկը բարձրացրել է վեր և մտածկոտ, ինչպես երբեմն երեխաներն են մտասուզվում, ուշադիր նայում է նրան։ Արևը մայր է մտնում... Ահա իմ պատկերը։ Դուք անմեղ եք, և ձեր ամբողջ կատարելությունը ձեր անմեղության մեջ է։ Օ, հիշեցեք միայն դա։ Ի՞նչ գործ ունեք ձեր նկատմամբ ունեցած իմ կրքի հետ։ Դուք հիմա արդեն իմն եք, ես ամբողջ կյանքիս ընթացքում ձեր կողքին կլինեմ... Ես շուտով կմեռնեմ»։

Վերջապես, ամենավերջին նամակում գրված էր.

«Ի սեր աստծու, իմ մասին ոչինչ չմտածեք. մի մտածեք նաև, որ ես ինձ ստորացնում եմ նրանով, որ այսպես եմ գրում ձեզ, և կամ որ ես պատկանում եմ այնպիսի էակների թվին, որոնց համար հաճույք է իրենց ստորացնելը, նույնիսկ թեկուզ հպարտությունից։ Ոչ, ես իմ մխիթարություններն ունեմ. բայց ինձ համար դժվար է դա ձեզ բացատրելը։ Ես կդժվարանայի նույնիսկ ինքս ինձ ասել դա պարզորեն, թեև ես տանջվում եմ դրանից։ Բայց ես գիտեմ, որ չեմ կարող ինձ ստորացնել նույնիսկ հպարտության նոպայից դրդված։ Իսկ սրտի մաքրության պատճառով ինքնաստորացման ես ընդունակ չեմ։ Ուստի, նշանակում է, ես բոլորովին չեմ ստորացնում ինձ։

Ինչո՞ւ եմ ուզում ձեզ միացնել. ձե՞զ համար, թե ինձ համար։ Ինձ համար, հասկանալի է. այստեղ բոլոր թույլտվություններն իմն են, ես այդպես եմ ասել ինքս ինձ վաղուց... Ես լսել եմ, որ ձեր քույրը՝ Ադելաիդան, այն ժամանակ իմ դիմանկարի մասին ասել է, որ այսպիսի գեղեցկությամբ կարելի է աշխարհը շուռ տալ։ Բայց ես հրաժարվեցի աշխարհից. ձեզ համար ծիծաղելի է այս լսել ինձնից, հանդիպելով ինձ ժանյակներով ու գոհարներով զարդարված, հարբեցողների ու անպիտանների հետ. դրան մի նայեք, ես գրեթե արդեն գոյություն չունեմ, ես այդ գիտեմ, աստված գիտի, թե իմ փոխարեն ինչ է ապրում իմ մեջ։ Ես ամեն օր դա կարդում եմ երկու սարսափելի աչքերի մեջ, որոնք շարունակ նայում են ինձ, նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք իմ առաջ չեն։ Այդ աչքերը հիմա լռում են (նրանք շարունակ լուռ են), բայց ես դիտեմ նրանց դաղտնիքը։ Նրա տունը մռայլ է, ձանձրալի, և նրանում էլ գաղտնիք կա։ Ես համոզված եմ, որ նրա արկղում թաքցրած է մետաքսի մեջ փաթաթած ածելի, ինչպես այն Մոսկվայի մարդասպանի մոտ. նա էլ ապրում էր մոր հետ նույն տանը և նույնպես ածելին կապել էր մետաքսով, որպեսզի մի կոկորդ կտրի։ Ամբողջ ժամանակ, որ գտնվում էի նրանց տանը, ինձ շարունակ թվում էր, որ հատակի տախտակների տակ, դեռ նրա հայրը, գուցե թաքցրել է մի մեռածի և ծածկել մոմլաթով, ինչպես այն մոսկվացին, և նույնպես շուրջը դարսած են ժդանովյան հեղուկով սրվակներ, ես նույնիսկ ձեզ ցույց կտայի այդ անկյունը։ Նա շարունակ լռում է, բայց ախր ես գիտեմ, նա այնքան է սիրում ինձ, որ արդեն չէր կարող չատել ինձ։ Ձեր հարսանիքը և իմ հարսանիքը՝ միասին. այդպես ենք նշանակել ես ու նա։ Ես նրանից գաղտնիք չեմ պահում։ Ես նրան կսպանեի վախից... Բայց նա ինձ ավելի շուտ կսպանի... նա հիմա ծիծաղեց և ասում է, թե ես զառանցում եմ. նա գիտի, որ ես ձեզ գրում եմ»։

Եվ շատ, նույնպիսի շատ զառանցանք կար այդ նամակներում։ Նրանցից մեկը՝ երկրորդը, երկու փոստային թերթի վրա էր, մեծ չափսի, մանր գրված։

Իշխանը վերջապես դուրս եկավ խավար զբոսայգուց, որտեղ երկար թափառում էր, ինչպես և երեկ։ Պայծառ, թափանցիկ գիշերը նրան սովորականից ավելի պայծառ թվաց. «Մի՞թե դեռ այսքան վաղ է»,— մտածեց նա։ (Նա մոռացել էր ժամացույցը վերցնել)։ Կարծես թե նա մի տեղից հեռավոր երաժշտության ձայն լսեց. «Ըստ երևույթին կայարանում է,— նորից մտածեց նա,— իհարկե, նրանք այսօր չեն գնացել այնտեղ»։ Այդ մտածելով, նա տեսավ, որ կանգնած է հենց նրանց ամառանոցի մոտ. նա այդպես էլ գիտեր, որ անպայման պետք է վերջ ի վերջո այստեղ հայտնվեր, և սրտի նվաղումով ոտք դրեց պատշգամը։ Նրան ոչ ոք չհանդիպեց, պատշգամբը դատարկ էր։ Նա մի քիչ սպասեց և բացեց դահլիճի դուռը։ «Նրանց այս դուռը երբեք չէր ծածկվում»,— անցավ նրա մտքով, բայց դահլիճն էլ դատարկ էր. այնտեղ գրեթե բոլորովին մութն էր։ Նա տարակուսած կանգնեց սենյակի մեջտեղը։ Հանկարծ դուռը բացվեց, և ներս մտավ Ալեքսանդրա Իվանովնան մոմը ձեռքին։ Իշխանին տեսնելով, նա զարմացավ և կանգ առավ նրա առաջ, կարծես թե հարց տալով։ Ըստ երևույթին, նա միայն անցնում էր սենյակի միջով մի դռնից մյուսը, բոլորովին չկարծելով, թե որևէ մեկին կհանդիպի։

— Ինչպե՞ս հայտնվեցիք այստեղ,— վերջապես ասաց նա։

— Ես... անցա...

— Maman-ն այնքան էլ առողջ չէ։ Ագլայան նույնպես։ Ադելաիդան պառկում է քնելու, ես էլ եմ գնում։ Մենք այսօր ամբողջ երեկո տանը մենակ էինք նստած։ Հայրիկը և իշխանը Պետերբուրգում են։

— Ես եկա... ես ձեզ մոտ եկա... հիմա...

— Գիտե՞ք ժամը քանիսն է։

— Ո-ոչ...

— Տասներկուսն անց կեսն է։ Մենք միշտ ժամը մեկին պառկում ենք։

— Ախ, ես կարծում էի թե... ինն անց կեսն է։

— Ոչինչ,— ծիծաղեց Ալեքսանդրան։— Իսկ ինչո՞ւ քիչ առաջ չեկաք։ Ձեզ, գուցե և, սպասում էին։

— Ես... կարծում էի...— թոթովում էր նա, հեռանալով։

— Ցտեսությո՜ւն։ Վաղը բոլորին կծիծաղեցնեմ։

Նա գնաց զբոսայգին շրջանցող ճանապարհով, դեպի իր ամառանոցը։ Նրա սիրտը բաբախում էր, մտքերը խառնվում էին, և նրա շուրջն ամեն ինչ երազի էր նման։ Եվ հանկարծ, նույնպես, ինչպես և այն ժամանակ, երբ նա երկու անգամն էլ արթնացավ միևնույն տեսիլքի վրա, նույն տեսիլքը նորից ներկայացավ նրան։ Նույն կինը դուրս եկավ զբոսայգուց և կանգնեց նրա առաջ, կարծես նրան սպասում էր այստեղ։ Իշխանը ցնցվեց և կանգ առավ. կինը բռնեց նրա ձեռքը և ամուր սեղմեց։ «Ոչ, սա տեսիլք չէ՜»։

Եվ ահա, վերջապես։ Նա կանգնած էր նրա առաջ երես առ երես, առաջին անգամ իրենց անջատումից հետո. նա ինչ֊որ բան էր ասում իշխանին, բայց վերջինս լուռ նայում էր նրան. իշխանի սիրտը լցվեց ու ցավից տնքաց։ Օ, երբեք հետո նա չէր կարողանում մոռանալ այդ հանդիպումը նրա հետ և միշտ մտաբերում էր միատեսակ ցավով։ Նա ծունկի եկավ իշխանի առաջ, հենց այդտեղ, փողոցում, ինչպես մոլագար. իշխանը վախեցած ընկրկեց, իսկ նա որսում էր նրա ձեռքը, որպեսզի համբուրեր, և ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ երազում, հիմա էլ արցունքները շողում էին նրա երկար արտևանունքների վրա։

— Վեր կաց, վեր կաց,— ասում էր իշխանը վախեցած շշուկով, բարձրացնելով նրան,— շուտ վեր կաց։

— Դու երջանի՞կ ես։ Երջանի՞կ ես,— հարցնում էր նա։— Ինձ միայն մի խոսք ասա, երջանի՞կ ես հիմա։ Այսօր, հիմա։ Նրա՞ մոտ էիր։ Նա ի՞նչ ասաց։

Նա վեր չէր կենում, նա չէր լսում իշխանին, նա հարցնում էր շտապելով և շտապում էր խոսել, կարծես թե նրան հետապնդում էին։

—- Ես մեկնում եմ վաղը, ինչպես դու հրամայեցիր։ Ես չեմ լինի... Չէ՞ որ վերջին անգամ եմ տեսնում քեզ, վերջի՜ն։ Հիմա ախր արդեն բոլորովի՜ն վերջին անգամ։

— Հանգստացիր, վեր կաց,— ասաց իշխանը հուսակտուր։

Նա ագահորեն ուշադիր նայում էր իշխանին, նրա ձեռքերը բռնած։

— Մնաս բարո՜վ,— վերջապես ասաց նա, վեր կացավ և արագ հեռացավ նրանից, գրեթե փախավ։ Իշխանը տեսավ, որ նրա մոտ հանկարծ հայտնվեց Ռոգոժինը, նրան թևանցուկ արեց ու տարավ։

— Սպասիր, իշխան,— բղավեց Ռոգոժինը,— ես հինգ րոպե հետո կվերադառնամ քիչ ժամանակով։

Հինգ րոպե հետո նա իրոք եկավ։ Իշխանը նրան սպասում էր նույն տեղում։

— Կառք նստեցրի,— ասաց նա,— այնտեղ անկյունում ժամը տասից կառքն սպասում էր։ Նա այդպես էլ գիտեր, որ ամբողջ երեկո այն մյուսի մոտ կլինես։ Այն ժամանակվանը, որ ինձ գրել էիր, ճշտությամբ հայտնեցի։ Նա այլևս այն մեկին չի գրի, խոստացավ. և քո ցանկությամբ այստեղից վաղը կգնա։ Ուզեց վերջին անգամ քեզ տեսնել, թեև դու մերժել էիր, այստեղ էլ քեզ սպասում էինք վերադարձիդ, ահա այնտեղ, այն նստարանի վրա։

— Նա ի՞նքը քեզ իր հետ վերցրեց։

— Բա ի՞նչ,— ատամները ցույց տվեց Ռոգոժինը,— տեսա այն, ինչ որ գիտեի։ Նամակները հո՞ կարդացել էի։

— Մի՞թե իսկապես կարդացել ես այդ նամակները,— հարցրեց իշխանը այդ մտքից ապշած։

— Բա ո՜նց. ամեն մի նամակը ինքն էր ցույց տալիս ինձ։ Ածելու մասին հիշո՞ւմ ես, հի՜-հի՜։

— Խելագա՜ր կին,— գոչեց իշխանը, ձեռները կոտրատելով։

— Ո՞վ գիտի այդ, գուցե և չէ,— կամացուկ ասաց Ռոգոժինը, կարծես ինքն իրեն։

Իշխանը չպատասխանեց։

— Դե, մնաս բարով,— ասաց Ռոգոժինը,— ախր ես էլ եմ գնում վաղը. բարի՛ հիշիր։ Իսկ ինչու, եղբայր,— ավելացրեց նա, արագ շուռ գալով,— ինչո՞ւ նրան ոչինչ չասացիր ի պատասխան։ «Իսկ դու երջանի՞կ ես, թե ոչ»։

— Ոչ, ո՜չ, ո՜չ,— բացականչեց իշխանը անսահման վշտով։

— Ա՜յդ էր պակաս, որ «այո» ասեիր,— չար ծիծաղեց Ռոգոժինը և գնաց առանց ետ նայելու։


Չորրորդ մաս

I

Անցավ մոտ մեկ շաբաթ կանաչ նստարանի վրա մեր պատմության երկու անձանց տեսակցությունից հետո։ Մի պայծառ առավոտ ժամը տասն անց կեսին մոտ, Վարվառա Արրդալիոնովնա Պտիցինան, որ դուրս էր եկել իր ծանոթներից ոմանց այցելելու, տուն վերադարձավ մեծ ու վշտալի մտածմունքի մեջ ընկած։

Կան մարդիկ, որոնց մասին դժվար է մի այնպիսի բան ասել, որ նրանց ներկայացներ միանգամից ու ամբողջովին, նրանց ամենատիպական ու բնորոշ տեսքով․ դրանք այն մարդիկ են, որոնց սովորաբար կոչում են «սովորական», «մեծամասնություն» և որոնք հիրավի կազմում են մի հասարակության հսկայական մեծամասնությունը։ Գրողները իրեն վեպերում ու պատմվածքներում մեծ մասամբ աշխատում են վերցնել հասարակության տիպերը և նրանց ներկայացնել պատկերավոր ու գեղարվեստորեն, տիպեր, որոնք իրականում շատ հազվադեպ են հանդիպում ամբողջությամբ, և որոնք այնուհանդերձ ավելի իրական են բուն իրականությունից։ Պոդկոլյոսինն իր տիպական տեսքով թերևս նույնիսկ չափազանցնում է, բայց բնավ մտացածին բան չէ։ Խելոք մարդկանց ինչպիսի՜ բազմություն Գոգոլից իմանալով Պոդկոլյոսինի մասին, անմիջապես սկսեցին գտնել, որ իրենց տասնյակ ու հարյուրավոր լավ ծանոթներ ու բարեկամներ շատ նման են Պոդկոլյոսինին։ Նրանք մինչև Գոգոլը գիտեին, որ իիրենց բարեկամներն այնպես են, ինչպես Պոդկոլյոսինը, բայց միայն չգիտեին, որ նրանք հենց այնպես են կոչվում։ Իրականում փեսացուները շատ հազվադեպ են լուսամուտներից դուրս թռչում իրենց հարսանիքներից առաջ, որովհետև դա, չխոսելով մնացած բաների մասին, նույնիսկ անհարմար է․ բայց և այնպես ինչքան փեսացուները, նույնիսկ արժանավոր ու խելացի մարդիկ, պսակադրության ժամին, խղճի խորքում պատրաստ են եղել իրենք իրենց որպես Պոդկոլյոսիններ ճանաչել։ Նմանապես ոչ բոլոր ամուսիններն են ամեն քայլափոխի բղավում․ «Tu l'as voulu, George Dandin!»[31], բայց, աստվաած իմ, ամբողջ աշխարհի ամուսինների կղմից քանի միլիոն ու բիլիոն անգամ է կրկնվել այդ ստի ճիչը իրենց մեղրամսից հետո, իսկ ով գիտի, գուցե և հարսանիքից հետո հաջորդ իսկ օրը։

Այսպես, ուրեմն, առանց ավելի լուրջ բացատրությունների մեջ ընկնելու, կասենք միայն, որ իրականում դեմքերի տիպականությունը կարծես թե ջրիկացվում է, և այդ բոլոր Ժորժ Դադեններն ու Պոդկոլյոսինները իրոք գոյություն ունեն, ամեն օր դեսդեն են գնում, վազվզում են մեր առաջ, բայց կարծես թե մի քիչ ջրիկացած վիճակում։ Լիակատար ճշմարտության համար, վերջապես, վերապահում անելով, որ Ժորժ Դադենն ամբողջությամբ, ինչպես նաև ստեղծել է Մոլիերը, նույնպես կարող է պատահել իրականում, թեև հազվադեպ, մենք դրանով կավարտենք մեր դատողությունը, որը սկսում է նմանվել ժուռնալային քննադատության։։ Բայց և այնպես, այնուամենայնիվ մեր առաջ մնում է մի հարց․ ի՞նչ անի վիպասանը հասարակ, միանգամայն «սովորական» մարդկանց հետ և ինչպե՞ս ցուցադրի ընթերցողների առաջ, որպեսզի ինչ-որ չափով հետաքրքիր դարձնի նրանց։ Պատմելու ընթացքում նրանց բոլորվին շրջանցել չի կարելի, որովհետև սովորական մարդիկ ամեն րոպե և մեծ մասամբ կենսական իրադարձությունների կապի մեջ անհրաժեշտ օղակն են, նշանակում է, նրանց շրջանցելով, կխախտենք ճշմարտությունը։ Վեպերը լցնել միմիայն տիպերով կամ նույնիսկ ուղղակի, հետաքրքրության համար, տարօրինակ ու չտեսնված մարդկանցով, կլիներ ոչ ճշմարտանման, թերևս նաև անհետաքրքիր։ Մեր կարծիքով գրողը պետք է անհետաքրքիր և ուսանելի երանգներ որոնի ու գտնի նույնիսկ նաև սովորական մարդկանց մեջ։ Իսկ երբ, օրինակ, որոշ սովորական մարդկանց բուն էությունը կայանում է նրանց մշտական և անփոփոխ սովորականության մեջ կամ, որ ավելի լավ է, երբ, չնայած այդ մարդկանց ամբողջ արտակարգ ջանքերին, ինչ գնով ուզում է լինի դուրս գալ սովորականության ու հնամոլության աղուրից, նրանք, այնուամենայնիվ, ավարտում են նրանով, որ անփոփոխ ու հավերժ մնում են միմիայն որպես հնամոլներ, այն ժամանակ այդպիսի մարդիկ ստանում են նույնիսկ որոշ յուրատեսակ տիպականություն, այսինքն՝ սովորականություն, որը ոչ մի գնով չի ուզում մնալ այն, ինչ որ է և ամեն կերպ ուզում է դառնալ յուրօրինակ ու ինքնուրույն, ինքնուրույնության ամենաչնչին իսկ հնարավորություն չունենալով։

«Սովորական» կամ «հասարակ» մարդկանց այդ կարգին են պատկանում նաև մեր պատմության մի քանի անձինք, որոնք (խոստովանում եմ) մինչև հիմա քիչ են պարզաբանված ընթերցողին։ Այդպիսիք են հենց Վարվառա Արդալիոնովնա Պտիցինան, նրա ամուսինը՝ Պտիցինիը, նրա եղբայրը՝ Գավրիլա Արդալիոնովիչը։

Հիրավի, ոչինչ այնքան ցավալի չէ, քքան լինել, օրինակ, հարուստ, օրինավոր ընտանիքից, վայելուչ արտաքինով, լավ կրթված, խելացի, նույնիսկ բարի, և միաժամանակ չունենալ ոչ մի տաղանդ, ոչ մի առանձնահատկություն, նույնիսկ ոչ մի տարօրինակություն, ոչ մի սեփական միտք, լինել ուղղակի «ամենքի նման»։ Հարստություն կա, բայց ոչ Ռոտշիլդի․ ընտանիքն ազնիվ է, բայց երբեք ոչնչով չի նշանավորել իրեն․ արտաքինը վայելուչ է, բայց շատ քիչ բան է արտահայտում․ կրթությունը կարգին է, բայց չգիտես որտեղ կիրառես դա․ խելք կա, բայց սեփական մտքերի․ Սիրտ ունի, բայց առանց մեծահոգության և այլն, և այլն, բոլոր տեսակետներից։ Այդպիսի մարդիկ աշխարհում շատ-շատ են և նույնիսկ ավելի շատ, քան թվում է, նրանք, ինչպես և բոլոր մարդիկ, բաժանվում են երկու կարգի․ ոմանք սահմանափակ են, մյուսները՝ «շատ ավելի խելացի»։ Առաջիններն ավելի երջանիկ են։ Սահմանափակ «սովորական մարդու» համար, օրինակ, ոչ մի ավելի հեշտ բան չկա, քան իրեն արտասովոր ու յուրօրինակ մարդ երևակայելըև առանց տատանումներկ դրանով ուրախանալը։ Բավական էր, որ մեր օրիորդներից ոմանք մազերը կտրեին, կապույտ ակնոց դնեին և իրենց անվանեին նիհիլիստուհիներ, որպեսզի իսկույն համոզվեին, որ ակնոց դնելով, անմիջապես սկսել են սեփական «համոզմունքներ» ունենալ։ Բավական էր որևէ մեկը իր սրտում զգար մի կաթիլի չափ որևէ համամարդկային և բարի զգացմունք, որպեսզի անմիջապես համոզվեր, որ ոչ մեկը այնպես չի զգում, ինչպես ինքը, որ նա առաջավոր է ընդհանուր զարգացման մեջ։ Բավական էր, որ մեկը ուրիշի ասածով ընդուներ որևէ մի միտքկամ առանց սկզբի ու վերջի մի էջ բան կարդար, որպեսզի անմիջապես հավատար, թե դրանք իր սեփական մտքերն են և իր սեփական ուղեղում են ծնվել։ Միամտության լկտիությունը, եթե կարելի է այսպես արտահայտվել, այսպիսի դեպքերում հասնում է զարմանալիի աստիճանին․ այս ամենը անհավանական է, բայց հանդիպում է ամեն րոպե։ Միամտության այդ լկտիությունը, հիմար մարդու չկասկածելը ինքն իրեն և իր տաղանդին, հիանալի դրսևորել է Գոգոլը հանձին պորուչիկ Պիրոգովի զարմանալի տիպի։ Պիրոգովը նույնիսկ չի էլ կասկածում, որ ինքը հանճար է, նույնիսկ բարձր է ամեն մի հանճարից․ այն աստիճան չի կասկածում, որ նույնիսկ ոչ մի այնգամ այդ մասին իրեն հարց անգամ չի տալիս, ասենք, նրա համար հարցեր գոյություն իսկ չունեն։ Մեծ գրողը հարկադրված էր, վերջապես, նրան ծեծել իր ընթերցողի վիրավորված բարոյական զգացմունքը բավարարելու համար, բայց, տեսնելով, որ մեծ մարդը միայն թափ տվեց ինքն իրեն և խոշտանգումից հետո ուժերը կազդուրելու համարշերտավոր կարկանդակ կերավ, զարմացած տարածեց ձեռքերը և այդպես թողեց իր ընթերցողներին։ Ես միշտ տրտմում էի, որ մեծ ՊիրոգոիվինԳոգոլը այդպիսի փոքր աստիճան է տվել, որովհետև Պիրոգովըն այնքան ինքնագոհ է, որ նրա համար ոչինչ այնքան հեշտ չէ, որքան տարիների ընթացքում նրա շքեղ ուսադիրների հաստացման և ծոպերիզների ոլորվելուն համընթաց ինքն իրեն առնվազն, օրինակ մի արտակարգ զորավար երևակայելը․ նույնիսկ ոչ թե երևակայել, այլ ուղղակի չկասկածել դրանում․ գեներալ են դարձել, էլ ինչպե՞ս թե զորավար չի։ Եվ հետո այդպիսիներից քանի՜սն են սարսափելի անհաջողություններունեցել կռվի դաշտում։ Իսկ որքա՜ն Պիրոգովներ են եղել մեր գրականագետների, գիտնականների, պրոպագանդիստների մեջ։ Եվ ասում եմ «եղել են», բայց ի՛նչ խոսք, որ իհարկե, հիմա էլ կան․․․

Մեր պատմության գործող անձև, Գավրիլա Արդալիոնովիչ Իվոգլինը, պատկանում էր մի այլ կարգի․ նա պատկանում էր «շատ ավելի խելացի» մարդկանց կարգին, թեև ամբողջովին, ոտքից գլուխ վարակված էրյուրօրինակության ցանկությամբ։ Բայց այդ կարգը, ինչպես արդեն նշեցինք վերև, շատ ավելի դժբախտ է առաջինից։ Բանն էլհենց այն է, որ խելացի «սովորական» մարդը, եթե նույնիսկ հարևանցի (կամ թեկուզ իր ամբողջ կյանքի ընթացքում) իրեն երևրակայեր հանճարեղ և ամենայուրօրինակ մարդը, այնուամենայնիվ իր սրտում պահում է կասկածի որդը, որ այնտեղն է հասցնում, որ խելացի մարդը երբեմն ավարտում է լիակատար հուսահատությամբ, եթե հնազանդվում էլ է, ապա ներս գցած սնափառությունից արդեն բոլորովին թունավորված։ Ասենք, մենք բոլոր դեպքերում վերցրինք ծայրահեղությունը․ մարդկանց հսկայական կարգի մեծամասնության մեջ բանն ամենևին էլ այդպես ողբերգական չի լինում․ միայն կյանքի վերջին տարիներում ավելի կամ պակաս չափով փչանում է լյարդը, ահա և բոլորը։ Բայց և այնպես, նախքան հնազանգվելն ու ենթարկվելը, այդ մարդիկ երբեմն շատ երկար են անկարգություն անում, սկսած պատանելությունից մնչև ենթարկվող հասակը, և ամբողջը՝ յուրօրինակ լինելու ցանկությունից․ նույնիսկ տարօչինակ դեպքեր են պատահում․ յուրօրինակության ցանկությունից մի որևէ ազնիվ մարդ պատրաստ է նույնիսկ ստոր գործ բռնել․ նույնիսկ այնպես էլ է լինում, որ այդ դժբախտներից որևէ մեկը ոչ միայն ազնիվ է, այլ նաև բարի, իր ընտանիքի նախախնամությունը, իր աշխատանքով սնում ու պահում է նույնիսկ օտարներին, ոչ միայն յուրայիններին, և ի՞նչ, ամբողջ կյանքում չի կարող հանգստանալ։ Նրա համար ամենևին հանգստացուցիչ և մխիթարական չէ այն միտքը, որ նա այդպես լավ է կատարել իր մարդկային պարտականությունները․ նույնիսկ ընդհակառակը, հենց այդ միտքն է ջղայնացնում նրան․ «Ահա թե ինչի վրա վատնեց կյանքս, ահա թե ինչն է կապում ձեռքերս ու ոտքերս, ահա թե ինչը խանգարեց ինձ վառոդը հայտնագործելու։ Դա չլիներ, ես, կարղ է պատահել, անպայման կհայտնագործեի, կամ վառոդը, կամ Ամերիկան, դեռ հաստատ չգիտեմ, թե ինչ, բայց անպայման կհայտնագործեի»։ Այդ պարոնների մեջ ամենաբնորոշն այն է, որ նրանք իրոք ամբողջ կյանքի ընթացքում չեմ կարող հաստա իմանալ, թե թե իսկապես ինչ է պետք նրանց հայտնագործել, և նրանք այբողջ կյանքի ընթացքում հատկապես ինչ են պատրաստ հայտնագործելու․ վառո՞դը, թե՞ Ամերիկան։ Բայց նրանց մեջ եղած տառապանքը, թախիծը հայտնագործելիի համար, կբավականացներ Կոլումբոսին կամ Գալիլեյին։



  1. Ես ձեզ սիրում եմ, Մարի (ֆրանս․)։
  2. Բարև, մեր բարի Մարի (ֆրանս.)։
  3. Մենք քեզ սիրում ենք, Մարի (ֆրանս.)։
  4. Լեոնը մեկնում է, Լեոնը մեկնում է ընդմիշտ (ֆրանս․)։
  5. Սիրելի Բաբետ (ֆրանս․)։
  6. Նախատեղեկացում (ֆրանս․)։
  7. Ամուսինս սխալվում է (ֆրանս.):
  8. Որ սխալվում են (ֆրանս.)։
  9. Եթե նույնիսկ սխալ է (ֆրանս․)։
  10. Դա նորություն է (ֆրանս․)։
  11. Կոնտենանսի համար (ֆրանս. contenance֊ից) լուրջ տեսք տալու համար։
  12. Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում (ֆրանս․)։
  13. Ժամանակ անցկացնելու համար (ֆրանս.)։
  14. Պրուես (ֆրանս. prouesse) — քաջագորձություն։
  15. Պտի-ժյո (ֆրանս․ petit jeu) — սալոնային խաղ։
  16. Դժվարություն մեծ ընտրության պատճառով (ֆրանս․)։
  17. Դյումա֊որդու «Կամելիազարղ տիկինը» (ֆրանս.)։
  18. Բուն, իսկական (ֆրանս.)։
  19. Կամելիազարդ պարոնին (ֆրանս․)։
  20. Առավոտյան հագնվելու արարողությունը (ֆրանս.)։
  21. Պուասարդուհի (ֆրանս. pois sarde բառից) ― առևտրական կին։
  22. Բարրո (ֆրանս. bourreau) — դահիճ։
  23. Ողջույն, աստվածամա՜յր (լատ.)։
  24. Լո՜ւյս երկնային, սո՜ւրբ Ռոզա (լատ.)։
  25. Ցանկանում եմ հաջողություն (ֆրանս.)։
  26. Կոնֆիդենտ (ֆրանկ. confident-ից) — հավատարմատար։
  27. Շենապան (ֆրանս. chenapan-ից) — անբան։
  28. Հակադրությունները մոտենում են իրար (ֆրանս.)։
  29. 1 Օ՜, ձեր սրբազան գեղեցկությունը թող նոքա՛ տեսնեն,//Բարեկամներն այն, որ խուլ ձևացան, երբ ես հեռացա,//Թող ծեր հասակում գերեզման իջնեն,//Թող նոցա մահը ողբան ու կոծեն,Մերձավորների ձեռքով թող փակվեն աչքերը նոցա...//(Թարգմ. Պ. Միքայելյան)։
  30. Կոնտրկարե (ֆրանս. contrecarrer-ից) — վիճարկել։
  31. «Դու ա՜յս էիր ուզում, Ժորժ Դանդեն» (ֆրանս․)