Changes

Ապուշը

Ավելացվել է 869 897 բայտ, 15:50, 18 Հուլիսի 2021
/* Չորրորդ մաս */
— Այսինքն, այլաբանորեն ասած, ապագա երկրորդ մարդասպանը Ժեմարինների ապագա երկրորդ ընտանիքի, եթե այդպիսին լինի։ Այստեղ է ասված...
Բոլորը ծիծաղեցին։ Իշխանի մտքով անցավ, որ գուցե իսկապես էլ Լերեդևը Լեբեդևը միայն նրա համար է կուչուձիգ անում ու ծռմռվում, որ նախաղդալով նախազգալով նրա հարցերը, Լգիտիt P^ չգիտի, թե ինչպես պասւասխանի ղրանցպատասխանի դրանց, և ժամանակ է շահում։
— Ըմբոստանում է։ Դավադրություններ է սարքում,— բղավում էր Լեբեդևը, կարծես թե արդեն անզոր լինելով ինքն իրեն զսպելու,— դե, կարո՞ղ եմ ես, դե, իրավունք ունե՞մ ես այսպիսի չարալեզվին, այսպիսի, կարելի է ասել, շնացողին ու ճիվաղին հարազատ ազգականս, հանգուցյալ քրոջս՝ Անիսյայի միակ որդին համարել։
Լեբեդևը նայեց նրա հետևից։ Նրան զարմացրեց իշխանի հանկարծակի ցրվածությունը։ Դուրս գալիս նա մոռացավ նույնիսկ «մնաք բարով» ասել, նույնիսկ գլուխ չտվեց, որը անհամատեղելի էր իշխանի՝ Լեբեդևին հայտնի քաղաքավարության և ուշադրության հետ։
 
=== III ===
Լիզավետա Պրոկոֆևնան քիչ մնաց նրան քշեր իր տեղը, բայց նույն այն րոպեին, հենց որ Ագլայան սկսեց արտասանել հայտնի բալլադը, երկու նոր անձ, բարձրաձայն խոսելով, փողոցից մտան պատշգամբ։ Դա գեներալ Իվան Ֆյոդորովիչ Եպանչինն էր և նրա հետևից մի երիտասարդ։ Մի փոքրիկ հուզում տեղի ունեցավ։
 
=== VII ===
 
Գեներալին ուղեկցող երիտասարդը մոտ քսանութ տարեկան էր, բարձրահասակ, բարեկազմ, սքանչելի և խելացի դեմքով, խոշոր սև աչքերի սրամիտ ու ծաղրալի արտահայտությամբ։ Ագլայան նույնիսկ չշրշվեց նրա կողմը և շարունակում էր բանաստեղծությունն արտասանել, անբնականորեն շարունակելով նայել միայն իշխանին և միայն նրան դիմելով։ Իշխանի համար պարզ դարձավ, որ նա այդ անում է ինչ֊որ հատուկ հաշվով։ Բայց գոնե նոր հյուրերը մի փոքր լավացրին նրա անհարմար վիճակը։ Նրանց տեսնելով, իշխանը տեղից վեր կացավ, հեռվից սիրալիր գլուխ տվեց գեներալին, նշանացի հասկացրեց, որ չընդհատեն ընթերցումը, իսկ ինքը հասցրեց անցնել բազկաթոռի հետևը, որտեղ, ձախ ձեռքը հենած թիկնակին, շարունակում էր ունկնդրել բալլադը արդեն, այսպես ասած, ավելի հարմար և ոչ այնպիսի «ծիծաղելի» վիճակում, ինչպես բազկաթոռում նստած։ Իր կողմից, Լիզավետա Պրոկոֆևնան երկու անգամ հրամայական շարժումով ձեռքը թափահարեց ներս եկողների վրա, որպեսզի նրանք կանգ առնեն։ Ի միջի այլոց իշխանը շատ էր հետաքրքրվում գեներալին ուղեկցող իր նոր հյուրով, նա պարզ կռահեց, որ դա Եվգենի Պավլովիչ Ռոդոմսկին է, որի մասին արդեն շատ էր լսել և հաճախ մտածել։ Նրան շփոթեցնում էր միայն Ռոդոմսկու քաղաքացիական զգեստը, նա լսել էր, որ Եվգենի Պավլովիչը զինվորական է։ Բանաստեղծության ընթերցման ամբողջ ընթացքում ծաղրական ժպիտը թափառում էր նոր հյուրի շրթունքներին, կարծես թե նա էլ արդեն որոշ բան լսել էր «աղքատ ասպետի» մասին։
 
«Գուցե ինքն էլ հնարել է»,— մտածեց իշխանն ինքն իրեն։
 
Բայց բոլորովին այլ բան էր կատարվում Ագլայայի հետ։ Ամբողջ սկզբնական շինծուությունն ու փքունությունը, որով նա հանդես եկավ ընթերցելու, նա քողարկեց այնպիսի լրջությամբ և բանաստեղծական ստեղծագործության ոգու և իմաստի մեջ այնպիսի թափանցումով, այնքան իմաստալից էր արտասանում բանաստեղծության ամեն մի բառը, այնպիսի բարձրագույն պարզությամբ էր ասում դրանք, որ ընթերցման վերջում ոչ միայն գրավեց համընդհանուր ուշադրություն, այլև բալլադի վսեմ ոգին հաղորդելով, կարծես մասամբ արդարացրեց այն խիստ շինծու լրջությունը, որով նա այդպես հանդիսավոր ձևով դուրս եկավ պատշգամբի կենտրոնը։ Այդ լրջության մեջ այժմ կարելի էր տեսնել լոկ նրա անսահման հարգանքը ու թերևս նույնիսկ միամտությունը առ այն, ինչ նա հանձն էր առել հաղորդել։ Նրա աչքերը շողում էին և ոգեշնչման ու հիացմունքի թեթև, հազիվ նկատելի սարսուռը մի երկու անգամ անցավ նրա սքանչելի դեմքի վրայով։ Նա կարդաց.
 
<poem>
Ապրում էր մի աղքատ ասպետ՝
Վարքով պարզ ու հասարակ,
Մռայլադեմ ու միշտ գունատ,
Հողով արի ու շիտակ։
 
Տեսել էր նա օրվան մի օր
Մի սուրր տեսիլք անպատում,
Եվ տեսիլքն այդ անջինջ ու խոր
Հետք էր թողել իր սրտում։
 
Այդ օրվանից սերը սրտում,
Էլ չէր նայում նա կանանց,
Եվ ոչ մեկին իր ողջ կյանքում
Հրապուրել չջանաց։
 
Էլ չբացեց այդ օրվանից
Իր դիմկալը երկաթյա.
Եվ, շալի տեղ, նա իր վզից
Կախեց մի տերողորմյա։
 
Եվ ջերմ հույսով ու սիրով լի,
Իր վահանին հաղթապանծ
Գրեց Ave, mater Dei<ref>Ողջույն, աստվածամա՜յր (լատ.)։</ref>,
Գրեց արյամբ իր թափած։
 
Եվ երբ հեռու Պաղեստինում,
Թշնամու դեմ նետվելիս,
Ամեն ասպետ իր պաշտելի
Տիկնոջ անունն էր տալիս,—
 
Lumen coeli, sancta Rosa!<ref>Լո՜ւյս երկնային, սո՜ւրբ Ռոզա (լատ.)։</ref>
Գոչում էր նա սաստկաձայն,
Եվ մուսուլման զորքն ահաբեկ
Ետ էր փախչում ցիրուցան։
 
Եվ երբ դարձավ դղյակն իր լուռ՝
Էլ չերևաց ոչ ոքի,
Միշտ սիրահար ու միշտ տխուր՝
Մեռավ առանց աղոթքի։
</poem>
 
Հետագայում մտաբերելով այդ ամբողջ րոպեն, իշխանը երկար ժամանակ արտակարգ շփոթմունքի մեջ տանջվում էր իր համար անլուծելի մի հարցից․ ինչպե՞ս կարելի էր միացնել այդպիսի ճշմարիտ, սքանչելի զդացմունքը այդպիսի բացահայտ ու չարամիտ ծաղրի հետ։ Որ ծաղր կար, դրանում նա չէր կասկածում, նա պարզ հասկացավ այդ և դրա համար պատճառներ ուներ․ ընթերցման ժամանակ Ագլայան իրեն թույլ տվեց Ave, mater Dei—ն փոխարինել _Բ. Ն. Ֆիլի_ տառերով։ Որ այստեղ սխալ չկար և ինքը սխալ չէր լսել, դրանում կասկածել չէր կարող (հետագայում դա ապացուցվեց)։ Համենայն դեպս Ագլայայի արարքը, որ, իհարկե, կատակ էր, թեև շատ կոպիտ ու թեթևամիտ կատակ,— կանխամտածված էր։ «Աղքատ ասպետի» մասին բոլորը խոսում (և «ծիծաղում») էին դեռ մոտ մի ամիս առաջ։ Մինչդեռ ինչքան էլ հետո միտն էր բերում իշխանը, դուրս էր գալիս, որ Ագլայան այդ տառերն արտասանեց ոչ միայն առանց որևէ կատակի արտահայտության կամ որևէ ծաղրի, կամ նույնիսկ առանը որևէ ձևով շեշտելու այդ տառերը, որպեսզի ավելի ցայտուն ձևով մատնի դրանց թաքուն իմաստը, այլ, ընդհակառակը, այնպիսի անփոփոխ լրջությամբ, այնպիսի անմեղ ու միամիտ պարզությամբ, որ կարելի էր կարծել, թե հենց այդ տառերն էին բալլադում և որ գրքում այդպես էր տպված։ Ինչ֊որ ծանր ու անախորժ բան կարծես խոցեց իշխանին։ Լիզավետա Պրոկոֆևնան, իհարկե, չհասկացավ ու չնկատեց ոչ տառերի փոփոխությունը, ոչ ակնարկը։ Գեներալ Իվան Ֆյոդորովիչն այնքանը հասկացավ, որ բանաստեղծություն էին արտասանում։ Մնացած ունկնդիրներից շատ շատերը հասկացան և զարմացան թե՛ արարքի համարձակությանը, թե՛ մտադրությանը, բայց լռեցին ու աշխատում էին ցույց չտալ։ Բայց Եվգենի Պավլովիչը (իշխանը նույնիսկ պատրաստ էր գրազ գալ) ոչ միայն հասկացավ, այլ նույնիսկ աշխատում էր ցույց տալ, որ հասկացել է, նա չափազանց ծաղրալի ժպտաց։
 
— Ի՜նչ հիանալի բան է,— բացականչեց գեներալի կինը իսկական արբեցմամբ, հենց որ ընթերցումն ավարտվեց,— ո՞ւմ բանաստեղծությունն է։
 
— Պուշկինի, maman, մի ամաչեցրեք մեզ, դա ամոթ է,— բացականչեց Ադելաիդան։
 
— Էհ, ձեզ հետ մարդ դեռ սրանից ավելի կհիմարանա,—դաշնորեն արձագանքեց Լիզավետա Պրոկոֆևնան։— Խայտառակությո՜ւն։ Հենց որ տուն գնանք, անմիջապես ինձ տվեք Պուշկինի այդ բանաստեղծությունը։
 
— Բայց կարծեմ մենք բոլորովին չունենք Պուշկին։
 
— Անհիշելի ժամանակներից,— ավելացրեց Ալեքսանդրան,— ինչ֊որ երկու քրքրված հատոր է ընկած այնտեղ։
 
— Անմիջապես քաղաք ուղարկել գնելու, Ֆյոդորին կամ Ալեքսեյին, առաջին գնացքով, ավելի լավ է Ալեքսեյին, Ագլայա, եկ այստեղ։ Համբուրիր ինձ, դու հիանալի կարդացիր, բայց եթե անկեղծ կարդացիր,— ավելացրեց նա դրեթե շշուկով,— ապա ես քեղ խղճում եմ. եթե դու նրան ծաղրելու համար կարդացիր, ապա քո զգացմունքներին հավանություն չեմ տալիս, այնպես որ բոլոր դեպքերում ավելի լավ կլիներ բոլորովին չկարդայիր։ Հասկանո՞ւմ ես։ Գնա, տիրուհիս, ես դեռ քեզ հետ կխոսեմ, իսկ մենք երկար նստեցինք այստեղ։
 
Այդ միջոցին իշխանը ողջունում էր գեներալ Իվան Ֆյոդորովիչին, իսկ գեներալը Եվգենի Պավլովիչ Ռոդոմսկուն ներկայացնում էր նրան։
 
— Ճանապարհին բռնեցի, նա հենց նոր էր գալիս գնացքով. իմացավ, որ այստեղ եմ գալիս և մերոնք բոլորն այստեղ են...
 
— Իմացա, որ դուք էլ այստեղ եք,— ընդմիջեց Եվգենի Պավլովիչը,— և քանի որ արդեն վաղուց և անպայման որոշել էի փնտրել ոչ միայն ձեր ծանոթությունը, այլև բարեկամությունը, ուստի չէի ուզում ժամանակ կորցնել։ Դուք անառո՞ղջ եք։ Ես հենց նոր իմացա...
 
— Բոլորովին առողջ եմ և շատ ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու, շատ եմ լսել և նույնիսկ խոսել ձեր մասին իշխան Շչ-ի հետ,— պատասխանեց Լև Նիկոլաևիչը, նրան պարզելով ձեռքը։
 
Փոխադարձ քաղաքավարություններն ասված էին, երկուսն էլ սեղմեցին միմյանց ձեռք և ուշադիր նայեցին իրար աչքերի մեջ։ Մի ակնթարթում խոսակցությունը դարձավ ընղհանուր։ Իշխանը նկատեց (իսկ նա հիմա ամեն ինչ նկատում էր արագ և ագահորեն, նույնիսկ, թերևս բոլորովին չեղած բաներ), որ Եվգենի Պավյովիչի քաղաքացիական զգեստը համընդհանուր և ինչ֊որ շատ ուժեղ զարմանք էր առաջացնում, այն աստիճան, որ նույնիսկ մնացած բոլոր տպավորությունները առժամանակ մոռացվեցին ու հարթվեցին։ Կարելի էր կարծել, որ զգեստի այդ փոփոխության մեջ ինչ-որ առանձնահատուկ կարևոր բան էր պարունակվում։ Ադելաիդան ու Ալեքսանդրան տարակուսանքով հարցուփորձ էին անում Եվգենի Պավչովիչին։ Իշխան Շչ-ն, նրա ազգականը՝ նույնիսկ մեծ անհանգստությամբ. գեներալը խոսում էր գրեթե հուզմունքով։ Միայն Ագլայան հետաքրքրությամբ, բայց միանգամայն հանգիստ մի րոպե նայեց Եվգենի Պավլովիչին, կարծես միայն ցանկանալով համեմատել, արդյոք զինվորակա՞ն, թե քաղաքացիական զգեստն է նրան ավելի սազում, բայց մի րոպե անց շուռ եկավ և արդեն այլևս չէր նայում նրան։ Լիզավետա Պրոկոֆևնան նույնպես չուզեց ոչ մի բանի մասին հարցնել, թեև, կարող է պատահել, նա էլ էր մի քիչ անհանգստանում։ Իշխանին թվաց, որ կարծես թե Եվգենի Պավլովիչը նրա համակրանքը չի վայելում։
 
— Զարմացրեց, շշմեցրեց,— պնդում էր Իվան Ֆյոդորովիչն ի պատասխան բոլոր հարցերի։— Ես հավատալ չէի ուզում, երբ դեռ քիչ առաջ նրան Պետերբուրդում հանդիպեցի։ Եվ ինչո՞ւ այդպես հանկարծակի, ահա խնդիրը։ Առաջին հերթին ինքն է բղավում, թե հարկավոր չէ սուր ճոճել։
 
Սկսված խոսակցություններից պարզվեց, որ Եվգենի Պավլովիչն այդ պաշտոնաթողության մասին ազդարարում էր արդեն շատ վաղուց, բայց ամեն անգամ խոսում էր այնքան ոչ լուրջ, որ նրան հավատալ չէր լինի։ Եվ լուրջ բաների մասին էլ նա միշտ խոսում էր այնպիսի կատակի ձևով, որ երբեք չէր կարելի հասկանալ նրան, մանավանդ եթե ինքը ուզենար, որ չհասկանային։
 
— Ես ախր ժամանակավոր, մի քանի ամսով, ամենաշատը մի տարի կլինեմ պաշտոնաթող,— ծիծաղում էր Ռոդոմսկին։
 
— Բայց ոչ մի կարիք չկա, համենայն դեպս, որքան գիտեմ ձեր գործերը,— դեռ շարունակ տաքանում էր գեներալը։
 
— Իսկ կալվածներս շրջե՞լը, ինքներդ էիք խորհուրդ տալիս. ըստ որում ես նաև արտասահման գնալ եմ ուզում...
 
Խոսակցությունը, սակայն, շուտով փոխվեց, բայց համենայն դեպս չափազանց առանձնահատուկ և դեռևս շարունակվող անհանգստությունը, իշխանի կարծիքով, որը հետևում էր դրան, չափից ավելի էր, և հավանաբար այստեղ ինչ֊որ առանձնահատուկ բան կար։
 
— Ուրեմն «աղքատ ասպետը» նորի՞ց բեմի վրա է,― հարցրեց Եվգենի Պավլովիչը, մոտենալով Ագլայային։
 
Ի զարմանս իշխանի, Ագլայան տարակուսանքով ու հարցական նայեց Ռոդոմսկուն, ասես ուզում էր նրան հասկացնել, որ իրենց մեջ խոսք անգամ չէր կարող լինել «աղքատ ասպետի» մասին և որ ինքը նույնիսկ չի հասկանում նրա հարցը։
 
― Բայց ուշ է, ուշ է հիմա Պուշկինի համար քաղաք ուղարկելը, ո՜ւշ է,— վիճում էր Կոլյան Լիզավետա Պրոկոֆևնայի հետ, ամբողջովին ուժասպառ լինելով,— երեք հազար անգամ ասում եմ ձեզ, ուշ է։
 
― Այո, իսկապես հիմա ուշ է քաղաք ուղարկելու համար,— այստեղ էլ մեջ մտավ Եվգենի Պավլովիչը, որքան կարելի է շուտ թողնելով Ագլայային,— կարծում եմ, որ կրպակներն էլ փակ են Պետերբուրգում, ժամը ինն է լինում,— հաստատեց նա, ժամացույցը հանելով։
 
— Այսքան սպասել եք, չեք որոնել, կարելի է մինչև վաղը համբերել,— վրա բերեց Ադելաիդան։
 
— Եվ վայելուչ էլ չէ,— ավելացրեց Կոլյան,— որ բարձըրաշխարհիկ մարդիկ այդքան հետաքրքրվեն գրականությամբ։ Հարցրեք Եվգենի Պավլիչին։ Շատ ավելի վայելուչ է կարմիր անիվավոր դեղին շարաբանով զբոսնելը։
 
— Դուք դարձյալ գրքից եք խոսում, Կոլյա,— նկատեց Ադելաիդան։
 
— Նա այլ կերպ չի խոսում, քան գրքերից,— վրա բերեց Եվգենի Պավլովիչը,— արտահայտվում է քննադատական տեսություններից ամբողջ ֆրազներ օգտագործելով։ Ես վաղուց բավականություն ունեմ գիտենալու Նիկոլայ Արդալիոնովիչի խոսակցության ձևը, բայց այս անգամ նա գրքից չի խոսում։ Նիկոլայ Արդալիոնովիչը բացահայտորեն ակնարկում է իմ կարմիր անիվներով դեղին շարաբանը։ Միայն թե ես դա արդեն փոխել եմ, դուք ուշացել եք։
 
Իշխանն ականջ էր դնում Ռոդոմսկու ասածներին... Նրան թվաց, որ վերջինս իրեն պահում է հիանալի, համեստ, ուրախ, և առանձապես դուր եկավ, որ նա այդպիսի կատարյալ հավասարությամբ և բարեկամաբար էր խոսում նրան կռվի առիթ տվող Կոլյայի հետ։
 
— Այդ ի՞նչ է,— դիմեց Լիզավետա Պրոկոֆևնան Վերային՝ Լեբեդևի աղջկան, որը կանգնել էր նրա առաջ, մեծ ծավալի, հրաշալի կազմած և գրեթե նոր մի քանի գիրք ձեռքին։
 
— Պուշկին,— ասաց Վերան։— Մեր Պուշկինը։ Հայրիկս պատվիրեց ձեզ հրամցնել։
 
— Ինչպե՞ս թե։ Ինչպե՞ս կարելի է,— զարմացավ Լիզավետա Պրոկոֆևնան։
 
— Ոչ իբրև նվեր, ոչ իբրև նվեր։ Չէի համարձակվի,— աղջկա ուսի հետևից դուրս նետվեց Լեբեդևը,— իր գնով։ Դա մեր սեփական, ընտանեկան, տոհմական Պուշկինն է, Աննենկովի հրատարակությունը, որը հիմա չի էլ կարելի ճարել, իր գնով։ Հրամցնում եմ երկյուղածությամբ, ցանկանալով վաճառել և դրանով հագուրդ տալ ձերդ գերազանցության գրական ազնվագույն զգացմունքների ազնիվ անհամբերությանը։
 
— Հա, որ ծախում ես, ուրեմն շնորհակալություն։ Ունեցածդ չես կորցնի. միայն թե, խնդրեմ, մի ծամածռվիր, եղբայր։ Լսել եմ քո մասին, դու, ասում են, շատ կարդացած ես. մի անգամ կզրուցենք. ի՞նքդ կբերես ինձ մոտ, թե ինչպես։
 
— Երկյուղածությամբ և... հարգանքո՜վ,— ծամածռվում էր արտասովոր գոհ Լեբեդևը, գրքերը խլելով աղջկա ձեռքից։
 
— Դե տես, որ չկորցնես, տար թեկուզև առանց հարգանքի, բայց միայն պայմանով,— ավելացրեց նա, ուշադիր զննելով նրան,— միայն մինչև շեմքը կթողնեմ, իսկ այսօր քեզ ընդունել մտադիր չեմ։ Աղջկանդ՝ Վերային, ուղարկիր թեկուզ այսօր, նա ինձ շատ դուր եկավ։
 
— Ինչո՞ւ նրանց մասին չեք ասում,— անհամբերությամբ հորը դիմեց Վերան,— ախր նրանք, եթե այդպես է, ինքները ներս կմտնեն. սկսել են աղմկել։ Լև Նիկոլաևիչ,— դարձավ նա իշխանին, որն արդեն վերցրել էր իր գլխարկը,— այնտեղ արդեն վաղուց ձեզ մոտ ինչ-որ մարդիկ են եկել, չորս հոգի, սպասում են մեր տանը և հայհոյում, բայց հայրիկս չի թողնում ձեզ մոտ։
 
— Ի՞նչ հյուրեր են,— հարցրեց իշխանը։
 
— Ասում են, գործով են եկել, միայն թե ախր այնպիսի մարդիկ են, որ եթե հիմա չթողնեք, նրանք ճանապարհին էլ կկանգնեցնեն։ Ավելի լավ է, Լև Նիկոլաևիչ, թողնեք, իսկ հետո արդեն հոգիներդ ազատեք նրանցից։ Այնտեղ նրանց Գավրիլա Արդալիոնովիչն ու Պտիցինը համոզում են, բայց նրանք չեն լսում։
 
— Պավլիշչևի որդին է։ Պավլիշչևի որդին է։ Չարժե, չարժե,— ձեռներն էր թափահարում Լեբեդևը։— Նրանց Լսել իսկ չարժե. և ամոթ է, որ նրանց համար ձեզ անհանգստացնեք, ամենապայծառափայլ իշխան։ Ահա՛։ Նրանք չարժեն դրան...
 
— Պավլիշչևի որդի՜ն։ Աստվա՜ծ իմ,— բացականչեց իշխանը արտակարգ հուզմունքով,— ես գիտեմ... բայց ես... ես այդ գործը հանձնարարել եմ Գավրիլա Արդալիոնովիչին։ Նոր Գավրիլա Արդալինովիչն ինձ ասում էր...
 
Բայց Գավրիլա Արդալիոնովիչն արդեն սենյակներից մտավ պատշգամբ, նրան հետևում էր Պտիցինը։ Ամենամոտիկ սենյակից լսվեց աղմուկ և գեներալ Իվոլգինի բարձր ձայնը, որ կարծես ուզում էր իր բղավոցով կտրել մի քանի ձայներ։ Կոլյան անմիջապես վազեց աղմուկի կողմը։
 
— Դա շատ հետաքրքիր է,— բարձրաձայն նկատեց Եվգենի Պավլովիչը։
 
«Նշանակում է, գործին ծանոթ է»,— մտածեց իշխանը։
 
— Ի՞նչ Պավլիշչևի տղա։ Եվ Պավյլիշչևի ի՞նչ տղա կարող է լինել,― տարակուսանքով հարցնում էր գեներալ Իվան Ֆյոդորովիչը, հետաքրքրությամբ դիտելով բոլոր դեմքերը և զարմացած նկատելով, որ այդ նոր պատմությունը միայն իրեն հայտնի չէ։
 
Հիրավի, հուզմունքն ու սպասումը ընդհանուր էր։ Իշխանը խորապես զարմացավ, որ նրա միանգամայն անձնական գործը արդեն կարողացել է այստեղ բոլորին այդպես հետաքրքրել։
 
— Շատ լավ կլինի, եթե հենց հիմա և ինքներդ վերջացնեք այս գործը,— ասաց Ագլայան, մի առանձնահատուկ լրջությամբ մոտենալով իշխանին,― իսկ մեզ բոլորիս թույլ տաք ձեր վկաները լինել։ Ձեզ ուզում են արատավորել, իշխան, դուք պետք է հանդիսավոր կերպով արդարացնեք ձեզ և ես վաղօրոք սաստիկ ուրախ եմ ձեզ համար։
 
— Ես էլ եմ ուզում, որ վերջապես վերջանա այդ զզվելի պահանջը,― գոչեց գեներալի կինը,— մի լավ հասցրու դրանց, իշխան, մի՛ խնայիր։ Այդ գործով ականջներս տարան, և ես շատ արյուն եմ պղտորել քո պատճառով։ Եվ հետաքրքիր է մտիկ անելը։ Կանչիր նրանց, իսկ մենք կնստենք, Ագլայան լավ մտածեց։ Դուք այդ մասին որևէ բան լսե՞լ եք, իշխան,— դարձավ նա իշխան Շչ֊ին։
 
— Իհարկե լսել եմ. հենց ձեր տանը։ Բայց հատկապես ուզում եմ տեսնել այդ երիտասարդներին,— պատասխանեց իշխան Շչ֊ն։
 
— Հենց դրա՞նք են որ կան նիհիլիստները, ինչ է։
 
— Ոչ, չի կարելի ասել, թե նրանք նիհիլիստներ են,― առաջ քայլեց Լեբեդևը, որը նույնպես համարյա դողում էր հուզմունքից,— սրանք ուրիշ են, առանձնահատուկ, քրոջս տղան ասում էր, որ սրանք նիհիլիստներից առաջ են անցել․ դուք զուր եք կարծում ձեր ներկայությամբ նրանց շփոթեցնել, ձերդ գերազանցություն, նրանք չեն շփոթվի։ Նիհիլիստները համենայն դեպս երբեմն բանիմաց մարդիկ են, նույնիսկ գիտուն, իսկ սրանք առաջ են անցել, որովհետև ամենից առաջ գործնական են։ Դա, իսկապես ասած, նիհիլիզմի որոշ հետևանք է, բայց ոչ ուղիղ ճանապարհով, այլ դեսից֊դենից իմացածով և ոչ թե որևէ ամսագրային հոդվածով են հանդես գալիս, այլ արդեն ուղղակի գործով. բանը, օրինակ, ոչ թե ինչ֊որ Պուշկինի անիմաստության մասին է, և ոչ թե, օրինակ, Ռուսաստանի մասնատման անհրաժեշտության մասին. ո֊ոչ, այլ հիմա ուղղակի իրավունք է համարվում, որ եթե մի բան շատ ես ուզում, ապա ոչ մի արգելքի առաջ կանգ մի առնի, թեկուզ այդ ժամանակ ստիպված լինես ութ հոգի սպանել։ Բայց, իշխան, այնուամենայնիվ ձեզ խորհուրդ չէի տա...
 
Բայց իշխանն արդեն գնում էր հյուրերի առաջ դուռը բացելու։
 
— Դուք զրպարտում եք, Լեբեդև,— ասաց նա ժպտալով,― ձեզ շատ է վշտացրել ձեր քրոջորդին։ Մի հավատացեք նրան, Լիզավետա Պրոկոֆևնա։ Հավատացնում եմ ձեզ, որ Գորսկիները և Դանիլովները միայն դեպքեր են, իսկ սրանք միայն... սխալվում են... Միայն թե ես չէի ուզենա այստեղ, բոլորի ներկայությամբ։ Ներեցեք, Լիզավետա Պրոկոֆևնա, նրանք կմտնեն, ես նրանց ձեզ ցույց կտամ, հետո կտանեմ։ Համեցեք, պարոնայք։
 
Իշխանին ավելի շուտ անհանգստացնում էր մի ուրիշ տանջալի միտք։ Նրա մտքովն անցնում էր, թե արդյոք այս գործը մեկնումեկը չի՞ սարքել հիմա, հատկապես այս ժամ ու ժամանակին, նախօրոք, հատկապես այս վկաների մոտ և, գուցե, սպասելիք խայտառակության և ոչ թե նրա հաղթանակի համար։ Բայց նա չափազանց տխուր էր իր «հրեշավոր ու չար կասկածամտության» համար։ Նա կմեռներ, երևի, եթե որևէ մեկն իմանար, որ նրա մտքով այդպիսի բաներ են անցնում, և այն րոպեին, երբ ներս մտան նոր հյուրերը, նա պատրաստ էր բարոյական տեսակետից իրեն համարել բոլոր իր շուրջը գտնվողներից վերջիններից վերջինը։
 
Ներս մտան հինգ հոգի, չորս հոգի նոր հյուրերը և հինգերորդը նրանց հետևից՝ գեներալ Իվոլգինը, բորբոքված, հուզված և պերճախոսության սաստիկ նոպայով բռնված։ «Այս մեկը որ անպայման իմ կողմը կլինի»,— ժպտալով մտածեց իշխանը։ Կոլյան սողոսկեց բոլորի հետ. նա տաք-տաք խոսում էր Իպոլիտի հետ, որը այցելուների թվում էր. Իպոլիտը լսում էր և քմծիծաղ տալիս։
 
Իշխանը հյուրերին նստեցրեց։ Նրանք բոլորը այնքան ջահել, նույնիսկ այնքան անչափահաս մարդիկ էին, որ կարելի էր զարմանալ թե դեպքից, թե դրա առիթով տեղի ունեցած ամբողջ ձևականությունից։ Իվան Ֆյոդորովիչ Եպանչինն, օրինակ, որ ոչինչ չգիտեր և ոչինչ չէր հասկանում այս «նոր գործից», նույնիսկ զայրացավ, տեսնելով այդքան ջահելների, և հավանաբար որևէ ձևով կբողոքեր, եթե նրան չկասեցներ կնոջ՝ իր համար տարօրինակ եռանդը իշխանի մասնավոր շահերի հարցում։ Նա, ասենք, այդտեղ մնաց մասամբ հետաքրքրությունից, մասամբ բարեսրտությունից, հուսալով նույնիսկ օգնել և, համենայն դեպս, պետք գալ իր հեղինակությամբ. բայց ներս մտած գեներալ Իվոլգինի՝ հեռվից նրան ուղղած ողջույնը նրան նորից զայրացրեց, նա խոժոռվեց ու որոշեց համառորեն լռել։
 
Չորս ջահել այցելուների մեջ մեկը, սակայն, մոտ երեսուն տարեկան էր, «ռոգոժինյան խմբի պաշտոնաթող պորուչիկ, բռնցքամարտիկ, որը խնդրարկուներին մի ժամանակ ինքն էր տալիս տասնհինգական ռուբլի»։ Հասկացվում էր, որ նա մնացածներին ուղեկցում էր խումբ կազմած լինելու համար, որպես անկեղծ բարեկամ և, եթե հարկ լինի, նրանց օժանդակելու համար։ Իսկ մնացածների մեջ առաջին տեղը և առաջին դերը գրավում էր նա, որին վերագրվում էր «Պավլիշչևի որդին» անունը, թեև նա իրեն ներկայացրեց որպես Անտիպ Բուրդովսկի։ Դա աղքատ ու փնթի հագնված մի երիտասարդ էր, թևքերը կեղտից հայելու փայլ ստացած սերթուկով, ճարպոտ, մինչև վերևը կոճկած ժիլետով, չգիտես ուր անհայտացած սպիտակեղենով, անասելի յուղոտած և հանգույց արած սև մետաքսե շարֆով, չլվացած ձեռքերով, խիստ պզուկավոր դեմքով, խարտյաշ մազերով և, եթե կարելի է այսպես արտահայտվել, անմեղ֊լրբենի հայացքով։ Նա ցածրահասակ չէր, նիհարավուն էր, մոտ քսաներկու տարեկան։ Նրա դեմքին չէր արտահայտվում ամենափոքր իսկ իրոնիա, ամենափոքր իսկ խորհրդածություն. ընդհակառակը, նկատվում էր լիակատար, բութ արբեցում սեփական իրավունքով և միաժամանակ շարունակ վիրավորված լինելու և այդպես զգալու տարօրինակության հասնող մշտական պահանջի նման մի բան։ Սա խոսում էր հուզված, շտապելով ու կապ ընկնելով, կարծես լրիվ չարտասանելով բառերը, ասես թլվատ լիներ կամ նույնիսկ օտարերկրացի, չնայած, ի դեպ, որ միանգամայն ռուսական ծագում ուներ։
 
Նրան ուղեկցում էր, նախ, ընթերցողին հայտնի՝ Լեբեդևի քրոջորդին, և երկրորդ, Իպոլիտը։ Իպոլիտը շատ ջահել տղա էր, մոտ տասնյոթ, գուցե և տասնութ տարեկան, դեմքի խելացի, բայց շարունակ գրգռված արտահայտությամբ, որի վրա հիվանդությունը սարսափելի հետքեր էր թողել։ Նա կմախքի պես նիհար էր, դալկադեղին, աչքերը պսպղում էին և այտերի վրա վառվում էր երկու կարմիր բիծ։ Նա անընդհատ հազում էր. նրա յուրաքանչյուր բառը, գրեթե յուրաքանչյուր շնչառությունն ուղեկցվում էր խռխռոցով։ Երևում էր խիստ բարդության հասած թոքախտը։ Թվում էր, թե նրան երկու֊երեք շաբաթից ավելի չի մնացել ապրելու։ Նա շատ էր հոգնել և բոլորից առաջ նստեց աթոռին։ Մյուսները մի քիչ ձևականություն արեցին ներս մտնելիս և համարյա շփոթվեցին, սակայն լուրջ տեսք ունեին և ըստ երևույթին վախենում էին որևէ ձևով իրենց արժանապատվությունը գցելուց, որը տարօրինակ կերպով չէր ներդաշնակում այն համբավին, որ նրանք ունեին, որպես ամեն տեսակի դատարկ րարձրաշխարհիկ մանրուքները, նախապաշարմունքները, սեփական շահերից բացի, աշխարհում համարյա ամեն ինչ ժխտող մարդիկ։
 
— Անտիպ Բուրդովսկի,— աճապարանքով ու կմկմալով, ազդարարեց «Պավլիշչևի որդին»։
 
— Վլադիմիր Դոկտորենկո,― պարզ, որոշակի և նույնիսկ մի տեսակ պարծենալով, որ ինքը Դոկտորենկո է, ներկայացավ Լեբեդևի քրոջորդին։
 
— Կելլեր,― մրթմրթաց պաշտոնաթող պորուչիկը։
 
— Իպոլիտ Տերենտև,— անսպասելի ճղճղան ձայնով ծղրտաց վերջինը։ Բոլորը, վերջապես, մի շարքի վրա նստեցին աթոռներին, իշխանի դիմաց, բոլորը, ներկայանալով, անմիջապես խոժոռվեցին և սրտապնդվելու համար մի ձեռքից մյուսն առան իրենց գլխարկները, բոլորը պատրաստվեցին խոսելու, և սակայն, բոլորը լուռ էին, ինչ֊որ բանի սպասելով մարտահրավերի արտահայտությամբ, որի մեջ պարզ կարդացվում էր․ «Չէ՜, եղբայր, չես խաբի»։ Զգացվում էր, որ հերիք էր մեկնումեկը սկզբի համար միայն մի՝ առաջին բառն արտասաներ, անմիջապես նրանք բոլորը միասին կսկսեին խոսել, իրարից առաջ անցնելով ու իրար ընդհատելով։
 
=== VIII ===
 
— Պարոնայք, ես ձեզնից ոչ մեկին չէի սպասում,— սկսեց իշխանը,— ես ինքս մինչև այսօր հիվանդ էի, իսկ ձեր գործը (դարձավ նա Անտիպ Բուրդովսկուն) դեռ մի ամիս առաջ հանձնարարել եմ Գավրիլա Արդալիոնովիչ Իվոլգինին, որի մասին հենց այն ժամանակ ձեզ տեղեկացրի։ Ասենք, ես չեմ խուսափում անձնական բացատրությունից, միայն համաձայնեցեք, այս ժամին... ես առաջարկում եմ ինձ հետ գնալ մյուս սենյակը, եթե երկար չի տևի... հիմա իմ բարեկամներն այստեղ են և հավատացեք․․․
 
— Բարեկամները... ինչքան կամենաք, սակայն թույլ տվեք,— ընդմիջեց հանկարծ խիստ խրատական եղանակով, թեև դեռ այնքան էլ ձայնը չբարձրացնելով, Լեբեդեի քրոջորդին,― ուրեմն թույլ տվեք և մեզ հայտարարելու, որ դուք կարող էիք մեզ հետ ավելի քաղաքավարի վարվել, և ոչ թե հարկադրել, որ երկու ժամ սպասենք ձեր ծառայանոցում...
 
— Եվ, իհարկե... ես էլ․․․ և դա իշխանավարի՜ է։ Եվ այդ... ուրեմն դուք եք, գեներա՜լ։ Եվ ես ձեզ համար լակեյ չե՛մ։ Եվ ես, ես...— հանկարծ արտասովոր հուզմունքով սկսեց մրթմրթալ Անտիպ Բուրդովսկին, դողացող շրթունքներով, վիրավորանքից դողացող ձայնով, բերանից դուրս թռչող ցայտերով, կարծես ամբողջովին պայթել էր կամ պատռվել, բայց հանկարծ այնպես շտապեց, որ նրա տասը խոսքից հետո արդեն ոչինչ չէր կարելի հասկանալ։
 
— Դա իշխանավարի՜ էր,— թղավեց ճղճղան, ճաքած ձայնով Իպոլիտը։
 
— Եթե դա ինձ պատահած լիներ,— փնթփնթաց բռնցքամարտիկը,— այսինքն, եթե դա ուղղակի ինձ վերաբերվեր, ինչպես ազնիվ մարդու, ապա ես Բուրդովսկու տեղը լինեի... Ես...
 
— Պարոնայք, ես ընդամենը մի րոպե առաջ իմացա, որ դուք այստեղ եք, աստված վկա,— նորից կրկնեց իշխանը։
 
— Մենք չենք վախենում, իշխան, ձեր բարեկամներից, ով էլ որ լինեն դրանք, որովհետև մենք մեր իրավունքի տերն ենք,— նորից հայտարարեց Լեբեդևի քրոջորդին։
 
— Սակայն, թույլ տվեք ձեզ հարցնել, ի՞նչ իրավունք ունեիք,— նորից ճղճղաց Իպոլիտը, բայց արդեն չափազանց տաքանալով,— Բուրդովսկու գործը ներկայացնել ձեր բարեկամների դատին։ Մենք, գուցե, չենք էլ ցանկանում ձեր բարեկամների դատը. շատ լավ հասկանալի է, թե ինչ կարող է նշանակել ձեր բարեկամների դատը․․․
 
— Բայց, վերջապես, պարոն Բուրդովսկի, եթե չեք ուզում այստեղ խոսել,— ի վերջո հաջողեցրեց հարել իշխանը, որը սաստիկ զարմացած էր այսպիսի սկզբնավորությունից,— ապա, ձեզ ասում եմ, հենց հիմա գնանք մյուս սենյակը, իսկ ձեր բոլորի մասին, կրկնում եմ, հենց միայն այս րոպեիս իմացա...
 
— Բայց իրավունք չունե՜ք, իրավունք չունե՜ք, իրավունք չունե՜ք... ձեր բարեկամներին... ահա՛...— հանկարծ նորից սկսեց թոթովել Բուրդովսկին, տարօրինակ վախվորած նայելով շուրջը և առավել ևս տաքանալով, որքան ավելի չէր վստահում ու խրտնում էր,― դուք իրավունք չունեք,— և, այդ ասելով, կտրուկ կանգ առավ, ասես դանակով կտրեց, և անխոս լռելով կարճատես, խիստ ուռուցիկ, կարմիր հաստ երակներով աչքերը, ամբողջ իրանը առաջ թեքած, հարցական հայացքը հառեց իշխանի վրա։ Այս անգամ իշխանն այն աստիճան զարմացավ, որ ինքն էլ լռեց և նույնպես նայում էր նրան աչքերը չռած և առանց մի խոսք արտասանելու։
 
— Լև Նիկոլաևիչ,— կանչեց հանկարծ Լիզավետա Պրոկոֆևնան,— ահա կարդա սա հիմա, հենց այս րոպեիս, սա ուղղակի քո գործին է վերաբերվում։
 
Նա հապճեպ իշխանին պարզեց մի երգիծական շաբաթաթերթ և մատով ցույց տվեց հոդվածը։ Երբ դեռ հյուրերը ներս էին գալիս, Լեբեդևը կողքից մոտ թռավ Լիզավետա Պրոկոֆևնային, որի ողորմածությանը ծառայում էր, և, առանց մի խոսք ասելու, կողքի գրպանից հանելով այդ թերթը՝ ուղղակի նրա աչքի առաջ խոթեց, տալով ընդգծված սյունակը։ Այն, ինչ արդեն հասցրել էր կարդալ Լիզավետա Պրոկոֆևնան, խիստ զարմացրել ու հուզել էր նրան։
 
— Բայց արդյոք ավելի լավ չի՞ լինի բարձրաձայն չկարդամ,— թոթովեց իշխանը շատ շփոթված— ես մենակ կկարդայի․․․ հետո․․․
 
— Ավելի լավ է դու կարդաս, կարդա հիմա, բարձրաձայն։ Բարձրաձայն,― դարձավ Լիզավետա Պրոկոֆևնան Կոլյային, անհամբերությամբ կորզելով իշխանի ձեռքից թերթը, որին նա հազիվ էր ձեռքը կպցրել,— բոլորի համար բարձրաձայն, որպեսզի բոլորին լսելի լինի։
 
Լիզավետա Պրոկոֆևնան տաքարյուն և հրապուրվող տիկին էր, այնպես որ հանկարծ ու միանգամից, առանց երկար մտածելու, երբեմն բարձրացնում էր բոլոր խարիսխները և մտնում էր բաց ծով, ուշք չդարձնելով եղանակին։ Իվան Ֆյոդորովիչն անհանգիստ շարժվեց։ Բայց մինչ բոլորը առաջին րոպեին ակամա կանգ առան և տարակուսած սպասում էին, Կոլյան բացեց թերթը և սկսեց բարձրաձայն կարդալ այնտեղից, որտեղից ցույց տվեց նրան մոտ թռած Լեբեդևը։
 
«''Պրոլետարներն ու շառավիղները, միջադեպ ցերեկային և ամենօրյա կողոպուտների՜ց։ Առաջադիմությո՜ւն։ Բարեփոխությո՜ւն։ Արդարությո՜ւն''»։
 
Տարօրինակ բաներ են պատահում մեր այսպես ասած սրբազան Ռուսիայում, բարեփոխությունների և ընկերովի նախաձեռնության մեր դարում, ազգայնության և ամեն տարի արտասահման արտահանվող հարյուր միլիոնների դարում, արդյունաբերության խրախուսման և բանվորական ձեռքերի կաթվածահարման դարում և այլն, և այլն, ամեն ինչ թվել չի լինի, պարոնայք, ուստի ուղղակի գործի անցնենք։ Տարօրինակ անեկդոտ պատահեց մեր անհետացած կալվածատիրական ազնվականների (de profundis!) շառավիղներից մեկին, ասենք, այն շառավիղներից, որոնց դեռ պապերը վերջնականապես տանուլ էին տվել բախտախաղում, հայրերը հարկադրված էին ծառայել, որպես յունկերներ ու պորուչիկներ և սովորաբար մեռնում էին դատի տակ պետական գումարի մի որևէ անմեղ հաշվեսխալի համար, իսկ սրանց զավակները, մեր պատմության հերոսի պես, կամ մեծանում են որպես ապուշներ, կամ նույնիսկ բռնվում են քրեական գործերում, որի համար, սակայն, խրատի և ուղղելու նկատառումով, երդվյալներն արդարացնում են. և կամ, վերջապես, վերջացնում են նրանով, որ բերանից թռցնում են մեկն այն անեկդոտներից, որոնք զարմացնում են հասարակությանը և խայտառակում առանց այն էլ արդեն բավականաչափ ամոթալի մեր Ժամանակը։ Մեր շառավիղը մոտ կես տարի աոաջ արտասահմանյան ձևով ոտներին շտիբլետներ հագած և ոչնչով չաստառած խղճուկ վերարկուի մեջ դողդողալով ձմեռը Ռուսաստան վերադարձավ Շվեյցարիայից, որտեղ բուժվում էր ապուշությունից (sic!): Պետք է խոստովանել, որ ուղղակի նրա բախտը բանում էր, այնպես որ նա, չխոսելով արդեն նրա հետաքրքիր հիվանդության մասին, որից բուժվում էր Շվեյցարիայում (դե մի թե կարելի է ապուշությունից բուժվել, պատկերացրե՜ք), իրենով կարող էր ապացուցել ռուսական առածի ճշմարտությունը՝ «Որոշ կարգի մարդկանց բախտը բանում է»։ Ինքներդ դատեցեք, դեռ ծծկեր հասակում մնալով հոր մահից հետո, որն ասում են պորուչիկ էր և մեռել էր դատի տակ, թղթախաղում վաշտի ամբողջ գումարի հանկարծակի անհայտացման համար, կամ գուցե նաև ստորադրյալին չափից ավելի ճիպոտահար անելու համար (հիշո՜ւմ եք հին ժամանակը, պարոնայք), մեր բարոնին ողորմածաբար դաստիարակության է վերցնում մի շատ հարուստ ռուս կալվածատեր։ Այդ ռուս կալվածատերը,— նրան կոչենք թեկուզ Պ.,— առաջվա ոսկի ժամանակներում չորս հազար ճորտ հոգիների տեր (ճորտ հոգինե՜ր, արդյոք դուք հասկանո՞ւմ եք այսպիսի արտահայտությունը, պարոնայք։ Ես չեմ հասկանում։ Պետք է ստուգել բացատրական բառարանով «թարմ է ավանդությունը, բայց դժվարությամբ ես հավատում»), ըստ երևույթին մեկն էր այն ռուս անբաններից ու ձրիակերներից, որոնք իրենց պարապ կյանքն անց էին կացնում արտասահմանում, ամառը հանքային ջրերում, իսկ ձմեռը՝ փարիզյան Շատո֊դե֊Ֆլյորում, որտեղ և իրենց կյանքի ընթացքում թողել են անհաշիվ գումարներ։ Կարելի էր հաստատ ասել, որ առաջվա կալվածատիրական ամբողջ ունեցվածքի բահրայի առնվաղն մեկ երրորդը ստանում էր փարիզյան Շատո-դե֊Ֆլյորի տերը (ա՜յ թե երջանիկ մարդ էր)։ Ինչ էլ լիներ, բայց անհոգ Պ․-ն որբուկ-աղայիկին դաստիարակեց իշխանավայել, նրա համար վարձում էր տնային դաստիարակներ ու դաստիարակչուհիներ (անկասկած, լավիկներին), որոնց, ի դեպ, ինքն էր բերում Փարիզից։ Բայց տոհմի վերջին ազնվական շառավիղը ապուշ էր։ Շատո֊դե֊Ֆլյորյան դաստիարակչուհիները չօգնեցին, և մինչև քսան տարեկան հասակը մեր սանը նույնիսկ խոսել չսովորեց ոչ մի լեզվով, չբացառած նաև ռուսերենը։ Վերջինս, սակայն, ներելի է։ Վերջապես Պ.-ի ռուսական ճորտատիրական գլուխը մի ֆանտազիա է մտնում, թե ապուշին կարելի է խելք սովորեցնել Շվեյցարիայում,— տրամաբանական ֆանտազիա. ձրիակերն ու պրոպրիետերը բնականաբար կարող էր երևակայել, որ փողով նույնիսկ խելք կարելի է գնել շուկայից, մանավանդ Շվեյցարիայում։ Անցավ բուժման հինգ տարին Շվեյցարիայում ինչ-որ հայտնի պրոֆեսորի մոտ, և հազարներով փող ծախսվեց, ապուշը, հասկանալի է, խելոք չդարձավ, բայց, ասում են, մարդու տեսք ստացավ, անկասկած, կիսատ-պռատ։ Հանկարծ Պ.֊ն անակնկալ մեռնում է։ Հասկանալի է, ոչ մի կտակ, սովորականի պես գործերն անկարգ վիճակում են, ագահ ժառանգներն անթիվ, որոնք արդեն բոլորովին չեն հետաքրքրվում տոհմի վերջին շառավիղներով, որոնց ողորմածաբար բուժում են Շվեյցարիայում տոհմական ապուշությունից։ Շառավիղը, թեպետև ապուշ, համենայն դեպս փորձել է խաբել իր պրոֆեսորին և երկու տարի, ասում են, կարողացել է նրա մոտ ձրի բուժվել, նրանից թաքցնելով իր բարերարի մահը։ Բայց պրոֆեսորն ինքը կարգին շառլատան էր, վերջապես վախենալով փողազրկությունից, իսկ ամենից ավելի իր քսանհինգամյա ձրիակերի ախորժակից, նա նրան հագցնում է իր հին շտիբլետները, նվիրում է իր քրքրված խղճուկ վերարկուն և ողորմածությունից մղված, երրորդ կարգի գնացքով նրան Շվեյցարիայից հանապարհ դնում nach Russland, բեռն ուսերից գլորելով։ Թվում է, բախտը քամակն է շուռ տալիս մեր հերոսին։ Բայց այդպես չէր. ֆորտունան, որ սովից մեռցնում է ամբողջ նահանգներ, բոլոր շնորհները միանգամից թափում է արիստոկրատիկի գլխին, ինչպես կռիլովյան ''Ամպը'', որը անցնում է տոչորված դաշտի վրայով և թափվում օվկիանոսը։ Գրեթե այն նույն ակնթարթին, որ նա Շվեյցարիայից հայտնվում է Պետերբուրդում, Մոսկվայում մեռնում է նրա մոր ազգականներից մեկը (մայրը, հասկանալի է, վաճառականուհիներից էր), ծեր, անզավակ չորագլուխ, վաճառական, մորուքավոր ու աղանդավոր, և մի քանի միլիոն անվիճելի, կլոր, մաքուր, առձեռն ժառանգություն է թողնում և (ա՜յ թե ինձ ու ձեզ թողած լիներ, ընթերըող) այդ բոլորը մեր շառավիղին, այդ բոլորը Շվեյցարիայում ապուշությունից բուժվող մեր բարոնին։ Դե, այստեղ արդեն ուրիշ երաժշտություն է սկսվում։ Մեր շտիբլետավոր բարոնի շուրջը, որը սկսել էր մի հայտնի գեղեցկուհի պահանույշի հետևից ընկնել, հանկարծ հավաքվեց ընկերների ու բարեկամների մի ամբողջ ամբոխ, գտնվեցին նույնիսկ ազգականներ, իսկ ամենից ավելի ազնվազարմ օրիորդների ամբողջ ամբոխներ, որոնք փափագում ու տենչում էին օրինավոր ամուսնության, և ի՜նչը կարող էր ավելի լավ լինել․ արիստոկրատ է, միլիոնատեր, ապուշ, բոլոր հատկությունները միանգամից, այդպիսի ամուսին ճրագով էլ փնտրես, չես գտնի, պատվերով էլ չես սարքի․․․»։
 
— Այդ․․․ այդ արդեն չեմ հասկանում,— գոչեց Իվան Ֆյոդորովիչը, վերին աստիճանի զայրույթով։
 
― Վե՛րջ տվեք, Կոլյա,— գոչեց իշխանը աղերսող ձայնով։ Ամեն կողմից բացականչություններ լսվեցին։
 
— Կարդա՛լ։ Կարդա՛լ ինչ գնով ուզում է լինի,— կտրուկ ասաց Լիզավետա Պրոկոֆևնան, ըստ երևույթին արտակարգ ճիգով զսպելով ինքն իրեն։— Իշխան, եթե ընթերցումը դադարեցնեն, մենք կգժտվենք։
 
Ճար չկար, Կոլյան բորբոքված, կարմրած, հուզումնալի, հուզված ձայնով շարունակեց ընթերցումը։
 
«Բայց մինչ մեր վաղահաս միլիոնատերը գտնվում էր, այսպես ասած, յոթերորդ երկնքում, տեղի ունեցավ մի բոլորովին կողմնակի հանգամանք։ Մի գեղեցիկ առավոտ նրան է ներկայանում մի այցելու, հանդարտ ու խիստ դեմքով, քաղաքավարությամբ, բայց արժանավոր ու արդարացի լեզվով, հագնված համեստ ու ազնվաշուք, մտքի նկատելի առաջադիմական երանգով, և երկու խոսքով բացատրում է իր այցելության պատճառը․ նա հայտնի փաստաբան է. նրան մի երիտասարդ մի գործ է հանձնարարել, նա ներկայանում է երիտասարդի անունից։ Այդ երիտասարդը ոչ այլ ոք է, քան հանգուցյալ Պ.-ի որդին, թեև ուրիշ անուն է կրում։ Հեշտասեր Պ․-ն երիտասարդ ժամանակ գայթակղեցնելով սպասավորների թվին պատկանող, բայց եվրոպական ձևով դաստիարակված մի ազնիվ, խեղճ աղջկա (ըստ որում, հասկանալի է, այստեղ խառն են եղել անցած ճորտատիրական վիճակի բարոնական իրավունքները), և նկատելով իր կապի անխուսափելի, բայց մերձավոր հետևանքը, նրան շուտով մարդու է տալիս արհեստադործությամբ զբաղվող, նույնիսկ ծառայող, ազնիվ բնավորությամբ մեկին, որը վաղուց արդեն սիրում էր այդ աղջկան։ Սկզբում Պ.֊ն օգնում էր նորապսակներին, բայց շուտով այդ աղջկա ամուսնու ազնիվ բնավորությամբ Պ․-ին մերժվեց նրանից օգնություն ընդունելը։ Անցավ որոշ ժամանակ, և Պ.֊ն քիչ֊քիչ մոռացավ թե աղջկա, թե նրանից ունեցած իր որդու մասին, իսկ հետո էլ մեռավ, ինչպես հայտնի է, առանց կարգադրությունների։ Այդ միջոցին նրա որդին, ծնված արդեն օրինական ամուսնությունից, որը, սակայն, մեծանում էր ուրիշ ազգանուն կրելով և լիովին որդեգրված էր իր մոր ամուսնու ազնիվ բնավորությամբ, որը, այնուամենայնիվ, իր ժամանակ մեռել էր, այդ որդին մնացել էր բացարձակապես միայն ու միայն իր միջոցներով և հեռավոր նահանգներից մեկում հիվանդոտ, տառապող, ոտներից զրկված մոր հոգսով, իսկ ինքը մայրաքաղաքում փող էր վաստակում ամենօրյա ազնիվ աշխատանքով՝ վաճառականների տներում ավանդած դասերով և դրանով պահում էր իրեն նախ գիմնազիայում, հետո իրեն օգտակար դասախոսությունների ունկնդիր եղած ժամանակ, նկատի ունենալով մի հետագա նպատակ։ Բայց շա՞տ փող կստանաս ռուս վաճառականից տասը կոպեկանոց դասերով, այն էլ հիվանդոտ, ոտներից զրկված մայրը հետդ, որը, վերջապես, հեռավոր նահանգում իր մահով էլ համարյա բոլորովին չթեթևացրեց որդուն։ Հիմա մի հարց, ըստ արդարության ինչպե՞ս պիտի դատեր մեր շառավիղը։ Դուք, իհարկե, կարծում եք, ընթերցող, որ նա իրեն այսպես ասաց. «Ես ամբողջ կյանքումս օգտվել եմ Պ.-ի շնորհներից, իմ դաստիարակության, իմ դաստիարակչուհիների և ապուշությունից բուժվելու վրա տասնյակ հազարներ են գնացել Շվեյցարիա. և ահա հիմա ես միլիոններ ունեմ, իսկ Պ.-ի որդու ազնիվ բնավորությունը, որը ոչնչով մեղավոր չէ իր թեթևամիտ ու նրան մոռացած հոր զանցանքներում, կործանվում է դասեր տալով։ Այն ամենը, ինչ ծախսվել է ինձ վրա, ըստ արդարության պետք է նրա վրա ծախսվեր։ Ինձ վրա ծախսված այս հսկայական գումարներն ըստ էության իմը չեն։ Դա միայն բախտի կույր սխալմունք էր․ դրանք հասնում էին Պ.-ի որդուն։ Նրա վրա պետք է գործադրվեին և ոչ թե իմ՝ թեթևամիտ ու մոռացկոտ Պ․֊ի ֆանտաստիկ քմահաճույքի արգասիքի վրա։ Եթե ես լիովին ազնիվ, քաղաքավարի, արդարացի լինեի, ապա պետք է որ նրա որդուն տայի իմ ամբողջ ժառանգության կեսը, բայց քանի որ ես ամենից առաջ հաշվենկատ մարդ եմ և շատ լավ եմ հասկանում, որ դա իրավաբանական գործ չէ, ապա իմ միլիոնների կեսը չեմ տա։ Բայց առնվազն արդեն շատ ստոր ու անամոթ (շառավիղը մոռացել է, որ նաև անշրջահայաց) բան կլինի իմ կողմից, եթե ես հիմա չվերադարձնեմ նրա որդուն այն տասնյակ հազարները, որոնք Պ.֊ն ծախսել է իմ ապշության վրա։ Այս է միայն խիղճն ու արդարությունը։ Որովհետև ի՞նչ կլիներ իմ վիճակը, եթե Պ․-ն ինձ չվերցներ դաստիարակության, իսկ իմ փոխարեն հոգ տաներ իր որդու մասին»։
 
Բայց ոչ, պարոնայք, մեր շառավիղները այդպես չեն դատում։ Ինչպես էլ նրան ներկայացնում էր երիտասարդի փաստաբանը, որը հանձն էր առել հոգ տանել նրա շահերի մասին, լոկ բարեկամական զգացմունքից և գրեթե հակառակ նրա կամքի, գրեթե բռնի, ինչպես էլ շառավիղի առաջ դնում էր պատվի, ազնվության, արդարության և նույնիսկ հասարակ հաշվենկատության պարտականությունները, շվեյցարացի սանը անհողդողդ մնաց, և ի՞նչ։ Այդ բոլորը դեռ ոչինչ, բայց ահա թե իրոք արդեն ինչն է աններելի և ոչ մի հետաքրքիր հիվանդությամբ ներել չի կարելի․ իր պրոֆեսորի շտիբլետները ոտներից հազիվ հանած այդ միլիոնատերը, չկարողացավ նույնիսկ այն էլ հասկանալ, որ ոչ թե ողորմություն, ոչ էլ օգնություն է խնդրում նրանից իրեն դասերով սպանող երիտասարդի ազնիվ բնավորությունը, այլ իր իրավունքն ու իրեն հասանելիքը, թեկուզև ոչ իրավաբանական, և նույնիսկ չի խնդրում, այլ նրա փոխարեն միայն ընկերներն են միջնորդում։ Վսեմաշուք տեսքով և իր միլիոններով մարդկանց անպատիժ ճզմելու հնարավորությունից արբեցած, մեր շառավիղը հանում է մի հիսունռուբլիանոց թղթադրամ և իբրև անբարտավան ողորմածություն ուղարկում է ազնիվ երիտասարդին։ Դուք չե՞ք հավատում, պարոնայք։ Դուք զայրացած եք, դուր վիրավորված եք, դուք վրդովմունքի ճիչ եք արձակում. և սակայն նա արել է այդ։ Հասկանալի է, դրամն անմիջապես վերադարձվել է նրան, այսպես ասած, ետ է շպրտվել նրա երեսին։ Ինչո՞վ է մնում լուծել այդ գործը։ Գործը իրավաբանական չէ, մնում է լոկ միայն հրապարակայնությունը։ Մենք հանրությանն ենք հանձնում այս անեկդոտը, երաշխավորելով նրա հավաստիությանը։ Ասում են, մեր մի ամենահռչակավոր երգիծաբան այդ առթիվ մի հիասքանչ էպիգրամ է թռցրել բերանից, որն արժանի է տեղ գրավելու մեր բարքերի ոչ միայն նահանգական, այլև մայրաքաղաքային ակնարկներում.
 
<poem>
Լյովան Շնեյդերի շինելով
Հինգ տարի խաղ էր անում,
Պարապ֊սարապ թափառելով
Ժամանակ էր սպանում։
Եկել է նեղ կոշիկներով,
Մեկ միլիոն է ժառանգել,
Ռուսերեն է աղոթում... բայց
Ուսանող է պլոկել»։
</poem>
 
Երբ Կոլյան վերջացրեց, թերթը հապճեպ տվեց իշխանին և, առանց մի խոսք ասելու, նետվեց մի անկյուն, կիպ խցկվեց այնտեղ և դեմքը ծածկեց ձեռներով։ Նա անասելի ամաչում էր, և նրա մանկական, կեղտին դեռ չվարժված դյուրազգացությունը վրդովված էր նույնիսկ չափից ավելի։ Նրան թվում էր, թե կատարվել է մի արտասովոր, ամեն ինչ միանգամից կործանող բան, և որ ով գիտի հենց ինքն է դրա պատճառը, հենց թեկուզ միայն նրանով, որ բարձրաձայն կարդաց դա։
 
Բայը, թվում է, բոլորն էլ դրա նման մի բան էին զգում։
 
Օրիորդները շատ անհարմար էին զգում և ամաչում էին։ Լիզավետա Պրոկոֆևնան իր մեջ զսպում էր արտակարգ զայրույթը և գուցե նույնպես դառնորեն զղջում էր, որ խառնվեց այդ գործին. հիմա նա լռել էր։ Իշխանի հետ տեղի էր ունենում այն, ինչ հաճախ նման դեպքերում լինում է չափազանց ամոթխած մարդկանց, նա այն աստիճան ամաչեց ուրիշի արարքից, այնպիսի ամոթ զգաց իր հյուրերի փոխարեն, որ առաջին ակնթարթին նույնիսկ վախենում էր նրանց նայել։ Պտիցինը, Վարյան, Գանյան, նույնիսկ Լեբեդևը, բոլորը կարծես թե մի քիչ շփոթված տեսք ունեին։ Ամենատարօրինակն այն էր, որ Իպոլիտն ու «Պավլիշչևի որդին» էլ կարծես թե մի բանից զարմացած էին. Լեբեդևի քրոջորդին, ըստ երևույթին, նույնպես դժգոհ հր։ Միայն բռնցքամարտիկն էր նստած բոլորովին հանգիստ, բեղերը ոլորելով, ծանրակշիռ տեսքով և աչքերը փոքր֊ինչ խոնարհած, բայց ոչ թե ամաչելուց, այլ ընդհակառակը, կարծես թե ազնիվ համեստությունից և չափազանց ակնհայտ ցնծությունից։ Ամեն ինչից երևում էր, որ հոդվածը նրան շատ է դուր գալիս։
 
— Սատանան գիտի, թե սա ինչ բան է,― կիսաձայն փնթփնթաց Իվան Ֆյոդորովիչը,— կարծես հիսուն լակեյ են միասին հավաքվել շարադրելու և շարադրել են։
 
— Բայց թու֊ո՜ւյլ տվեք հարցնել, ողորմած, տեր, թե ինչպե՞ս կարող եք վիրավորել նման ենթադրություններով,— հայտարարեց ու հուզմունքից սարսռաց Իպոլիտը։
 
— Դա, դա, դա ազնիվ մարդու համար․․․ ինքներդ համաձայնեցեք, գեներալ, եթե ազնիվ մարդ է, դա արդեն վիրավորական է,— փնթփնթաց բռնցքամարտիկը, նույնպես հանկարծ չգիտես ինչից հուզվելով, բեղերը ոլորելով և ուսերն ու իրանը թափահարելով։
 
— Նախ՝ ես ձեզ համար «ողորմած տեր» չեմ, իսկ երկրորդ՝ ես մտադիր չեմ ձեզ ոչ մի բացատրություն տալու,— կոպիտ պատասխանեց սարսափելի տաքացած Իվան Ֆյոդորովիչը, տեղից վեր կացավ և, առանց մի խոսք ասելու, հեռացավ դեպի պատշգամբի ելքը և կանգնեց սանդուղքի վերին աստիճանին, մեջքը դեպի հասարակությունը, խստագույն զայրույթով լցված դեպի Լիզավետա Պրոկոֆևնան, որը նույնիսկ հիմա էլ չէր մտածում տեղից շարժվել։
 
— Պարոնայք, պարոնայք, վերջապես թույլ տվեք, պարոնայք, խոսել,— անձկությամբ ու հուզված բացականչում էր իշխանը,— և բարի եղեք, այնպես խոսենք, որ միմյանց հասկանանք։ Ես ոչինչ չունեմ, պարոնայք, հոդվածի առթիվ, թող այդպես լինի՝ միայն թե չէ՞ որ դա, պարոնայք, ամբողջը ճիշտ չէ, ինչ որ տպված է հոդվածում, ես նրա համար եմ ասում, որ դուք ինքներդ էլ գիտեք դա. նույնիսկ ամոթ է։ Այնպես որ ես ուղղակի զարմանում եմ, եթե դա ձեզնից մեկնումեկն է գրել։
 
— Մինչև այս րոպեն ես ոչինչ չգիտեի այդ հոդվածի մասին,— հայտարարեց Իպոլիտը,— ես հավանություն չեմ տալիս այդ հոդվածին։
 
— Ես թեև գիտեի, որ դա գրված է, բայց... ես էլ խորհուրդ չէի տա տպագրել, որովհետև վաղաժամ է,— ավելացրեց Լեբեդևի քրոջորդին։
 
— Ես գիտեի, բայց ես իրավունք ունեմ... ես...— մրթմրթաց «Պավլիշչևի որդին»։
 
— Ինչպե՜ս։ Դուք ինքնե՞րդ եք հորինել այդ բոլորը,— հարցրեց իշխանը, հետաքրքրությամբ նայելով Բուրդովսկուն,— չի՜ կարող պատահել։
 
— Սակայն կարելի է և չընդունել այդպիսի հարցեր տալու ձեր իրավունքը,― մեջ ընկավ Լեբեդևի քրոջորդին։
 
— Չէ՞ որ ես միայն զարմանքս հայտնեցի, որ պարոն Բուրդովսկուն հաջողվել է... բայց․․․ ես ուզում եմ ասել, եթե դուք արդեն հրապարակել եք այդ գործը, ապա ինչո՞ւ այնպես վիրավորվեցիք քիչ առաջ, երբ ես բարեկամներիս ներկայությամբ նույն գործի մասին սկսեցի խոսել։
 
— Վերջապե՜ս, — զայրագին փնթփնթաց Լիզավետա Պրոկոֆևնան։
 
— Եվ նույնիսկ, իշխան, դուք բարեհաճեցիք մոռանալ,— աթոռների միջով հանկարծ սողոսկեց անհամբեր Լեբեդևը, համարյա տենդով բռնված,— բարեհաճեցիք մոռանալ, որ միայն ձեր բարի կամքը և ձեր սրտի անօրինակ բարությունն էր՝ նրանց ընդունել և ունկնդրել, և որ նրանք ոչ մի իրավունք չունեն այդպես պահանջելու, առավել ևս, որ դուք այդ գործը արդեն հանձնարարել եք Գավրիլա Արդալիոնովիչին և այդ էլ ձեր անչափ բարությունից եք այդպես վարվել, իսկ որ հիմա, ամենապայծառափայլ իշխան, մնալով ձեր ընտրյալ բարեկամների մեջ, դուք չեք կարող այդպիսի ընկերակցությունը զոհաբերել այս պարոնների համար, և կարող էիք այս բոլոր պարոններին, այսպես ասած, այս իսկ րոպեիս ճամփու դնել սանդուղքից, այնպես որ ես, իբրև տանտեր, նույնիսկ մեծ բավականությամբ...
 
― Միանդամայն իրավացի է,— հանկարծ սենյակի խորքից որոտաց գեներալ Իվոլգինը։
 
— Բավական է, Լեբեդև, բավական է, բավական․․․― սկսեց իշխանը, բայց զայրույթի մի ամբողջ պայթյուն խլացրեց նրա խոսքերը։
 
— Ոչ, ներեցեք, իշխան, ներեցեք, հիմա արդեն այդքանը բավական չէ՜,— համարյա բոլորի ձայնը խլացրեց Լեբեդևի քրոջորդին,— հիմա պետք է գործը պարզ ու հաստատուն դնել, որովհետև, ըստ երևույթին, դա չեն հասկանում։ Այստեղ իրավաբանական պատրվակագործները խառնվեցին և այդ պատրվակների հիման վրա մեզ սպառնում են դուրս հրել սանդուղքից։ Բայց մի՞թե, իշխան, դուք մեզ արդեն այն աստիճան հիմարների տեղ եք դնում, որ մենք ինքներս էլ չենք հասկանում, թե մեր գործը որ աստիճան ոչ իրավաբանական է, և որ եթե իրավաբանորեն քննարկելու լինենք, մենք օրենքով ձեզանից մի ռուբլի անգամ իրավունք չունենք պահանջելու։ Բայց մենք հենց հասկանում ենք, որ եթե այստեղ չկա իրավաբանական իրավունք, բայց դրա փոխարեն կա մարդկային, բնական իրավունք. առողջ բանականության իրավունք և խղճի ձայն, և թող որ մեր այդ իրավունքը գրանցված չլինի մարդկային ոչ մի նեխված կոդեքսի մեջ, բայց վսեմ ու ազնիվ մարդը, այսինքն՝ նույնն է թե ողջախոհ մարդը, պարտավոր է վսեմ ու ազնիվ մարդ մնալ նույնիսկ և այն կետերում, որոնք գրանցված չեն կոդեքսներում։ Դրա համար էլ մենք մտանք այստեղ, առանց վախենալու, որ մեզ սանդուղքից ցած կնետեն (ինչպես դուք հիմա սպառնացիք) միմիայն նրա համար, որ մենք ոչ թե ''խնդում'', այլ ''պահանջում ենք'', և նրա համար, որ այսքան ուշ ժամին այցելության գալը անվայելուչ է (թեև մենք եկել էինք ոչ ուշ ժամի, և հենց դուք մեզ հարկադրեցիք սպասել ծառայանոցում), հենց դրա համար էլ, ասում եմ, եկանք, առանց որևէ բանից վախենալու, որ հանձին ձեր ենթադրում էինք գտնել հենց ողջախոհ մարդու, այսինքն՝ պատվով ու խղճով մարդու։ Այո, այդ ճիշտ է, մենք մտանք ոչ թե խոնարհ, ոչ որպես ձեր պնակալեզներ ու շողոքորթներ, այլ գլուխներս բարձրացրած, ինչպես ազատ մարդիկ, և բնավ ոչ խնդրանքով, այլ ազատ ու հպարտ պահանջով (լսո՞ւմ եք, ոչ թե խնդրանքով, այլ պահանջով, դա ձեր ականջին օղ արեք)։ Մենք արժանապատվությամբ և ուղղակի ձեր առաջ հարց ենք դնում. արդյոք Բուրդովսկու գործում դուք ձեզ իրավացի՞, թե անիրավացի եք համարում։ Ընդունո՞ւմ եք, որ դուք Պավլիշչևի կողմից բարերարված, գուցե և փրկված եք մահից։ Եթե ընդունում եք (որը ակներև է), ապա մաադի՞ր եք արդյոք, կամ խղճի մտոք արդյոք արդարացի չե՞ք համարում, ձեր հերթին, միլիոններ ստանալով, հատուցել Պավլիշչևի կարիքավոր որդուն, թեկուզև նա Բուրդովսկու ազգանունը կրելիս լիներ։ Այո՞, թե ոչ։ Եթե ''այո'', այսինքն, այլ խոսքերով, եթե ձեր մեջ կա այն, որը ձեր լեզվով դուք անվանում եք ազնվություն և խիղճ և որը մենք ավելի ճշգրիտ նշում ենք ողջախոհություն անվամբ, ապա բավարարեցեք մեզ, և գործը կվերջանա։ Բավարարեցեք առանց խնդրանքների և առանց շնորհակալությունների մեր կողմից, այդ բաները մի սպասեք մեզանից, որովհետև դա անում եք ոչ թե մեզ, այլ արդարության համար։ Իսկ եթե չեք ուզենա մեզ բավարարել, այսինքն՝ կպատասխանեք՝ ''ոչ'', ապա մենք հիմա գնում ենք և գործը կարճվում է. իսկ ձեր երեսին ասում ենք, ձեր բոլոր վկաների ներկայությամբ, որ դուք կոպիտ խելքի և ստոր զարգացման տեր մարդ եք, որ այսուհետև պատվով ու խղճով մարդ կոչվել դուք չեք համարձակվի և իրավունք չունեք, որ այդ իրավունքը դուք չափազանց էժան եք ուզում գնել։ Ես վերջացրի։ Ես հարցը դրեցի։ Հիմա վռնդեցեք մեզ սանդուղքից, եթե համարձակվում եք։ Դուք կարող եք այդ անել, դուք ուժ ունեք։ Բայց հիշեցեք, որ մենք, համենայն պեպս, պահանջում ենք, ոչ թե խնդրում։ Պահանջո՛ւմ ենք, ոչ թե խնդրում...
 
Լեբեդևի քրոջորդին սաստիկ տաքացած, կանգ առավ։
 
— Պահանջում ենք, պահանջում ենք, պահանջս՛ւմ, և ոչ թե խնդրում...— սկսեց թոթովել Բուրդովսկին և խեցգետնի պես կարմրեց։
 
Լեբեդևի քրոջորդու խոսքերին հետևեց որոշ ընդհանուր շարժում և նույնիսկ քրթմնջյուն բարձրացավ, թեև ամբողջ հասարակության մեջ բոլորը նկատելիորեն խուսափում էին գործին խառնվելուց, բացի Լեբեդևից, որը կարծես տենդի մեջ էր։ (Տարօրինակ բան. Լեբեդևը, որ ակնհայտորեն իշխանի կողմն էր կանգնած, հիմա կարծես թե իր քրոջորդու ճառից հետո ընտանեկան հպարտության որոշ բավականություն էր զգում, համենայն դեպս գոհունակության մի առանձնահատուկ տեսքով նայեց բոլոր հավաքվածներին)։
 
— Իմ կարծիքով,— սկսեց իշխանը բավական կամաց,― իմ կարծիքով, դուք, պարոն Դոկտորենկո, այն ամենի մեջ, ինչ որ հիմա ասացիք, ինչ-որ չավավ լիովին իրավացի եք, նույնիսկ համաձայն եմ, որ շատ ավելի մեծ չափով, և ես ձեզ հետ լիովին համաձայն կլինեի, եթե ձեր խոսքերում ինչ֊որ բան բաց թողած չլինեիք։ Թե այստեղ հատկապես ինչը բաց թողիք՝ ես ուժ չունեմ և ի վիճակի չեմ ճշգրիտ արտահայտել ձեզ, բայց ձեր խոսքերի լիակատար արդարության համար, իհարկե, մի բան պակասում է։ Բայց ավելի լավ է դառնանք գործին, պարոնայք, ասացեք, ինչո՞ւ տպագրեցիք այդ հոդվածը։ Չէ՞ որ այդտեղ ամեն մի բառը զրպարտություն է, այնպես որ, դուք, պարոնայք, իմ կարծիքով ստորություն եք արել։
 
— Ներեցե՜ք...
 
— Ողորմած տե՛ր...
 
— Դա... դա... դա․․․― միանգամից լսվեց հուզված հյուրերի կողմից։
 
― Հոդվածի մասին,— ճղճղան ձայնով վրա բերեց Իպոլիտը,— այդ հոդվածի մասին ես արդեն ձեզ ասացի, որ ես և մյուսները հավանություն չենք տալիս դրան։ Դա գրել է ահա սա,— նա ցույց տվեց իր կողքին նստած բռնցքամարտիկին,— գրել է անվայելուչ, համաձայն եմ, գրել է անգրագետ և այնպիսի ոճով, որով գրում են նույնպիսի, ինչպես նա է, պաշտոնաթողները։ Նա հիմար է և, բացի այդ, արհեստագործ, համաձայն եմ, ես դա ամեն օր նրա երեսին եմ ասում, բայց և այնպես կիսով չափ նա իրավացի էր. հրապարակայնությունը յուրաքանչյուրի, նշանակում է նաև Բուրդովսկու, օրինական իրավունքն է։ Իսկ իր անհեթեթությունների համար թող ինքը պատասխանի։ Ինչ վերաբերում է այն բանին, որ ես քիչ առաջ բոլորի անունից բողոքեցի ձեր բարեկամների ներկայության առթիվ, ապա հարկ եմ համարում, ողորմած տյարք, բացատրելու ձեզ, որ բողոքում էի լոկ նրա համար, որ հայտարարեի մեր իրավունքը, բայց որ ըստ էության մենք նույնիսկ ուզում ենք, որ վկաներ լինեն, և քիչ առաջ, դեռ այստեղ չմտած, բոլոր չորսս էլ դրանում համաձայնության եկանք։ Ովքեր էլ լինեն ձեր վկաները, թեկուզև ձեր բարեկամները, բայց քանի որ նրանք չեն կարող չհամաձայնել Բուրդովսկու իրավունքին (որովհետև, ըստ երևույթին, դա մաթեմատիկական է), ապա ավելի լավ է, որ դրանք ձեր բարեկամներն են. ճշմարտությունն ավելի ակնհայտ կներկայանա։
 
— Այդ ճիշտ է, մենք այդպես համաձայնության եկանք,— հաստատեց Լեբեդևի քրոջորդին։
 
— Ուրեմն ի՞նչ պատճառով քիչ առաջ հենց առաջին խոսքերից այդպիսի աղմուկ-աղաղակ բարձրացավ, եթե դուք այդպես էիք ուզում,— զարմացավ իշխանը։
 
— Իսկ ինչ վերաբերում է հոդվածին, իշխան,— մեջ մտավ բռնցքամարտիկը, որ սաստիկ ուզում էր իր խոսքն ասած լինել և հաճելիորեն աշխուժացել էր (կարելի էր կասկածել, որ նրա վրա նկատելիորեն և ուժեղ ազդում էր կանանց ներկայությունը),— ինչ վերաբերում է հոդվածին, ապա խոստովանում եմ, որ հեղինակը իրոք ես եմ, թեև իմ հիվանդոտ բարեկամը, որին ես սովոր եմ ներել նրա թուլացած լինելու պատճառով, հիմա քննադատեց այն։ Բայց հորինել եմ ես և անկեղծ բարեկամիս ամսագրում տպագրել եմ որպես թղթակցություն։ Միայն բանաստեղծություններն իրոք իմը չեն և իրոք պատկանում են հայտնի երգիծաբանի գրչին։ Բուրդովսկու մոտ ես միայն կարդացի, այն էլ ոչ ամբողջը, և անմիջապես նրանից համաձայնություն ստացա տպագրելու, բայց համաձայնեցեք, որ ես կարող էի տպագրել նաև առանց համաձայնության։ Հրապարակայնությունը համընդհանուր, վսեմ և բարերար իրավունք է։ Հուսով եմ, որ դուք ինքներդ, իշխան, այնքան առաջադեմ եք, որ չեք ժխտի այդ․․․
 
— Ոչինչ չեմ ժխտի, բայց համաձայնեցեք, որ ձեր հոդվածում. ..
 
— Սո՞ւր է, ուզում եք ասել։ Բայց չէ՞ որ այստեղ, այսպես ասած, օգուտ է հասարակությանը, ինքներդ համաձայնեցեք, և, վերջապես, մի՞թե հնարավոր է բաց թողնել այսպիսի գրգռիչ դեպք։ Ավելի վատ մեղավորների համար, բայց հասարակության օգուտն ամենից առաջ։ Ինչ վերաբերում է որոշ անճշտություններին, այսպես ասած հիպերբոլաներին, ապա համաձայնեցեք, և նրան, որ ամենից առաջ կարևոր է նախաձեռնությունը, ամենից առաջ նպատակն ու մտադրությունը, կարևոր է բարերար օրինակը, իսկ հետո արդեն քննարկենք մասնավոր դեպքերը, և, վերջապես, այստեղ ոճ կա, այստեղ, այսպես ասած, երգիծաբանական խնդիր կա, և, վերջապես, բոլորն այդպես են գրում, ինքներդ համաձայնեցեք։ Հա֊հա՜։
 
— Բոլորովի՜ն կեղծ ճանապարհ։ Հավատացնում եմ ձեզ, պարոնայք,― գոչեց իշխանը,― դուք հոդվածը գրել եք այն ենթադրությամբ, որ ես ոչ մի դեպքում չեմ համաձայնի բավարարել պարոն Բուրդովսկուն, և նշանակում է, որպեսզի դրա համար ինձ վախեցնեք և որևէ բանով վրեժ լուծեք։ Բայց ի՞նչ գիտեիք, գուցե ես որոշել էի բավարարել Բուրդովսկուն։ Ես ձեզ ուղղակի, բոլորի ներկայությամբ հիմա հայտարարում եմ, որ կբավարարեմ...
 
— Ահա, վերջապես խելացի և ազնիվ մարդու խելացի և ազնիվ խոսք,— ազդարարեց բռնցքամարտիկը։
 
— Տե՜ր աստված,— դուրս թռավ Լիզավետա Պրոկոֆևնայի բերանից։
 
— Սա անտանելի՛ է,— մրթմրթաց գեներալը։
 
— Դե թույլ տվեք, պարոնայք, թույլ տվեք, որ շարադրեմ գործը,— աղերսում էր իշխանը,— մոտ հինգ շաբաթ առաջ եկավ ձեր լիազորն ու հավատարմատարը, պարոն Բուրդովսկի, Չեբարովը։ Դուք նրան շատ գովեստով եք նկարագրել ձեր հոդվածում, պարոն Կելլեր,— դարձավ իշխանը բռնցքամարտիկին, հանկարծ ծիծաղելով,— բայց նա ինձ բոլորովին դուր չեկավ։ Ես սկզբից ևեթ հասկացա, որ ամբողջ բանը հենց այդ Չեբարովն է, որ կարող է պատահել, հենց նա է ձեզ սովորեցրել, պարոն Բուրդովսկի, օգտվելով ձեր միամտությունից, սկսել այս ամենը, եթե անկեղծ ասելու լինենք։
 
— Դա, իրավունք չունեք․․․ ես... միամիտ չեմ... դա...— հուզված թոթովեց Բուրդովսկին։
 
— Դուք ոչ մի իրավունք չունեք այդպիսի ենթադրություններ անելու,— խրատական եղանակով պաշտպան կանգնեց Լեբեդևի քրոջորդին։
 
— Դա վերին աստիճանի վիրավորական է,— ճղճղաց Իպոլիտը,— վիրավորական, սխալ և գործին չվերաբերվող ենթադրություն է։
 
— Ներեցեք, պարոնայք, ներեցեք,— շտապ մեղա եկավ իշխանը,— խնդրում եմ, ներեցեք, այդ նրա համար էր, որ մտածեցի, ավելի լավ չի՞ լինի, որ բոլորովին անկեղծ լինենք միմյանց հետ. բայց ձեր կամքն է, ինչպես կուզեք։ Ես Չեբարովին ասացի, քանի որ Պետերբուրգում չեմ, ապա անմիջապես լիազորում եմ բարեկամիս, որ այդ գործը վարի, իսկ ձեզ, պարոն Բուրդովսկի, այդ մասին կծանուցեմ։ Ես ձեզ ուղղակի կասեմ, պարոնայք, որ այդ գործը ինձ թվաց ամենախարդախ գործ, հենց այն պատճառով, որ այդտեղ Չեբարովն էր խառնված... Օխ, մի վիրավորվեք, պարոնայք։ Ի սեր աստծո, մի վիրավորվեք,— վախեցած գոչեց իշխանը, նորից տեսնելով Բուրդովսկու վիրավորված վրդովմունքի, նրա ընկերների հուզմունքի ու բողոքի դրսևորումը,— դա չի կարող անձնապես ձեզ վերաբերվել, եթե ես ասում եմ, որ այդ գործը համարում էի խաբեբայական։ Չէ՞ որ ես այն ժամանակ ձեզնից ոչ մեկին անձնապես չէի ճանաչում և ձեր ազգանուններն էլ չգիտեի. ես միայն Չեբարովով էի դատում. ես ասում եմ ընդհանրապես, որովհետև... եթե միայն իմանայիք, ինչպե՜ս սարսափելի խաբել են ինձ այն պահից, երբ Ժառանդություն եմ ստացել։
 
— Իշխան, դուք շատ միամիտ եք,— ծաղրաբար նկատեց Լեբեդևի քրոջորդին։
 
— Եվ ընդսմին իշխան եք և միլիոնատեր։ Ձեր, գուցե և, իրոք բարի ու պարզունակ սրտով, դուք, համենայն դեպս, իհարկե, չեք կարող ազատվել ընդհանուր օրենքից, — ազդարարեց Իպոլիտը։
 
— Կարող է պատահել, շատ կարող է պատահել, պարոնայք,— շտապում էր իշխանը,— թեև ես չեմ հասկանում, թե ինչ ընդհանուր օրենքի մասին եք խոսում դուք. բայց ես շարունակում եմ, միայն թե դուք զուր տեղը մի վիրավորվեք. երդվում եմ, ձեզ վիրավորելու նվազագույն իսկ ցանկություն չունեմ։ Եվ իսկապես, սա ի՞նչ բան է, պարոնայք. ոչ մի խոսք չի կարելի անկեղծ ասել, իսկույն վիրավորվում եք։ Բայց նախ և առաջ ինձ սաստիկ զարմացրեց, որ գոյություն ունի «Պավլիշչևի որդի», և գոյություն ունի այդպիսի սարսափելի վիճակում, ինչպես ինձ բացատրեց Չեբարովը։ Պավլիշչևը իմ բարերարն է և իմ հոր բարեկամը։ (Ախ, ինչո՞ւ եք այդպես սուտ գրել ձեր հոդվածում իմ հոր մասին, պարոն Կելլեր։ Վաշտի գումարների ոչ մի վատնում և ստորադրյալների նկատմամբ ոչ մի վիրավորանք չի եղել,— դրանում ես հաստատ համոզված եմ, և ինչպե՞ս ձեր ձեռքը բարձրացավ այդպիսի զրպարտություն գրելու)։ Իսկ այն, ինչ գրել եք Պավլիշչևի մասին, արդեն բոլորովին անտանելի է։ Դուք այդ ազնվագույն մարդուն անվանում եք հեշտասեր ու թեթևսոլիկ այնպես համարձակ, այնպես հաստատ, կարծես թե իսկապես ճշմարտությունն եք ասում, մինչդեռ նա ամենաողջախոհ մարդն էր, ինչպիսիք եղել են աշխարհում։ Նա նույնիսկ հրաշալի գիտնական էր, նա գիտության մեջ շատ հարգարժան մարդկանց թղթակիցն էր և շատ փող էր ծախսել գիտությանն ի նպաստ։ Ինչ վերաբերում է նրա սրտին, նրա բարի գործերին, օ, իհարկե, դուք արդարացի եք գրել, որ ես այն ժամանակ համարյա ապուշ էի և ոչինչ չէի կարող հասկանալ (թեև ռուսերեն համենայն դեպս խոսում էի և կարող էի հասկանալ), բայց չէ՞ որ կարող եմ գնահատել այն ամենը, ինչ որ հիմա հիշում եմ...
 
— Ներեցեք,— ճղճղում էր Իպոլիտը,— չափից ավելի զգայացունց չի՞ լինի դա։ Մենք երեխա չենք։ Դուք ուզում էիք ուղղակի գործին անցնել, ժամը տասն է լինում, այդ հիշեցեք։
 
— Խնդրեմ, խնդրեմ, պարոնայք,— անմիջապես համաձայնեց իշխանը,— առաջին անվստահությունից հետո ես մտածեցի, որ կարող եմ և սխալվել, և որ իրոք Պավլիշչևը կարող էր որդի ունենալ։ Բայց ինձ խիստ զարմացրեց, որ այդ որդին այդպես հեշտ, այսինքն՝ ես ուզում եմ ասել այդպես հրապարակայնորեն հայտնում է իր ծննդյան գաղտնիքը և, գլխավորը, խայտառակում է իր մորը։ Որովհետև Չեբարովն արդեն այն ժամանակ էլ ինձ վախեցնում էր հրապարակայնությամբ...
 
— Ի՜նչ հիմարություն,— բղավեց Լեբեդևի քրոջ որդին։
 
— Դուք իրավունք չունե՛ք... իրավունք չունե՛ք,— գոչեց Բուրդովսկին։
 
— Որդին պատասխանատու չէ հոր անառակ քայլի համար, իսկ մայրը մեղավոր չէ,— տաք֊տաք ճղճղաց Իպոլիտը։
 
— Առավել ևս, թվում է, պետք էր խնայել...— երկչոտ ասաց իշխանը։
 
— Դուք, իշխան, ոչ միայն միամիտ եք, այլ, դեռ ավելի առաջ եք անցել,— չարությամբ քմծիծաղ տվեց Լեբեդևի քրոջորդին։
 
— Ի՞նչ իրավունք ունեիք դուք․․․— ամենաանբնական ձևով ճղճղաց Իպոլիտը։
 
— Ո՛չ մի, ո՛չ մի,— հապճեպ նրա խոսքը կտրեց իշխանը,— դրանում դուք իրավացի եք, խոստովանում եմ, բայց դա ակամայից էր, և ես հենց այն ժամանակ ինքս ինձ ասացի, որ իմ անձնական զգացմունքները գործի վրա չպետք է ազդեն, որովհետև եթե ես ինքս արդեն ինձ պարտավոր եմ ճանաչում բավարարելու պարոն Բուրդովսկու պահանջը, ի սեր դեպի Պավլիշչևն ունեցած իմ զգացմունքների, ապա պետք է բավարարեմ ինչ դեպքում ուզում է լինի, այսինքն՝ պարոն Բուրդովսկուն հարգելիս լինեի, թե չլինեի։ Ես միայն նրա համար սկսեցի դրա մասին, պարոնայք, որ այնուամենայնիվ ինձ անբնական թվաց, որ որդին այդպես հրապարակավ բաց է անում իր մոր գաղտնիքը․․․ Մի խոսքով, ես գլխավորը, հենց այդ պատճառով համոզվեցի, որ Չեբարովը պետք է սրիկայի մեկը լինի և խաբեությամբ ինքն է դրդել պարոն Բուրդովսկուն այդպիսի խարդախության։
 
— Բայք ախր սա արդեն անտանելի՜ է,— ձայներ հնչեցին նրա հյուրերի միջից, որոնցից մի քանիսը նույնիսկ վեր թռան աթոռներից։
 
— Պարոնա՛յք։ Ես հենց դրա համար կարծեցի, որ դժբախտ պարոն Բուրդովսկին պետք է որ միամիտ, անօգնական, խարդախներին հեշտ ենթարկվող մարդ լինի, նշանակում է, առավել ևս ես պարտավոր էի օգնել նրան, որպես «Պավլիշչևի որդու», նախ, հակազդելով պարոն Չեբարովին, երկրորդ, իմ անձնվիրությամբ ու բարեկամությամբ, որպեսզի նրան ղեկավարեմ, իսկ երրորդ, նշանակել եմ նրան տալու տասը հազար ռուբլի, այսինքն՝ այն ամենը, ինչքան փող իմ հաշվով Պավլիշչևը կարող էր ծախսած լինել ինձ վրա...
 
— Ինչպե՜ս։ Միայն տասը հազա՜ր,— բղավեց Իպոլիտը։
 
— Դե, իշխան, դուք շատ թույլ եք թվաբանությունից կամ թե չափազանց ուժեղ եք, թեև պարզունակ եք ձևանում,― բացականչեց Լեբեդևի քրոջորդին;
 
— Ես տասը հազարին համաձայն չեմ,— ասաց Բուրդովսկին։
 
— Անտիպ, համաձայնիր,— արագ ու պարզորոշ շշուկով հուշեց բռնցքամարտիկը, հետևից կռանալով Իպոլիտի աթոռի վրայով,— համաձայնիր, հետո կտեսնենք։
 
— Լսեցեք, պարոն Միշկին,— ճղճղում էր Իպոլիտը,— հասկացեք, որ մենք հիմարներ չենք, գռեհիկ հիմարներ չենք, ինչպես, հավանաբար, մեր մասին մտածում են ձեր բոլոր հյուրերն ու այս տիկնայք, որոնք այդպիսի զայրույթով քմծիծաղում են մեզ վրա, և հատկապես այս բարձրաշխարհիկ պարոնը (նա ցույց տվեց Եվգենի Պավլովիչին), որին, հասկանալի է, ճանաչելու պատիվը չունեմ ես, բայց որի մասին կարծեմ, որոշ բաներ իմացել եմ...
 
— Թույլ տվեք, թույլ տվեք, պարոնայք, դուք դարձյալ չհասկացաք ինձ,― հուզված դիմեց նրանց իշխանը,― նախ և առաջ, դուք, պարոն Կելլեր, ձեր հոդվածում չափազանց անստույգ եք նշել իմ կարողությունը. ես բոլորովին էլ միլիոններ չեմ ստացել, իմ ունեցածը, գուցե, միայն մեկ ութերորդը կամ մեկ տասներորդն է այն գումարի, որ դուք ենթադրում եք, թե ունեմ։ Երկրորդ, Շվեյցարիայում ինձ վրա րոլորովին էլ տասնյակ հազարներ չեն ծախսվել։ Շնեյդերը տարեկան ստանում էր վեց հարյուրական ռուբլի, և այն էլ միայն առաջին երեք տարին, իսկ սիրունիկ դաստիարակչուհիների համար Պավչիշչևը երբեք Փարիզ չէր գնում. դա դարձյալ զրպարտություն է։ Իմ կարծիքով ընդամենը տասը հազարից շատ ավելի պակաս է ծախսված ինձ վրա, բայց ես նշանակել եմ տասը հազար, և, ինքներդ համաձայնեցեք, պարտքս հատուցելով, ես ոչ մի կերպ չէի կարող պարոն Բուրդովսկուն ավելին առաջարկել, եթե նույնիսկ նրան սաստիկ սիրելիս լինեի, և չէի կարող հենց միայն նրբանկատության զգացմունքից, որովհետև նրան պարտքս էի հատուցում և ոչ թե ողորմություն էի ուղարկում։ Չգիտեմ, պարոնայք, դուք ինչպե՜ս չեք հասկանում սա։ Բայց ես ուզում էի այդ ամենը հետո հատուցել իմ բարեկամությամբ, իմ գործոն միջամտությամբ դժբախտ պարոն Բուրդովսկու ճակատագրին, որն ըստ երևույթին խաբված է, որովհետև չէ՞ որ չէր կարող նա ինքը առանց խաբված լինելու համաձայնել այնպիսի ստորության, ինչպես, օրինակ, նրա մոր մասին պարոն Կելլերի, հոդվածում այսօրվա հրապարակումը... Դե վերջապես ի՞նչ եք նորից ձեզ կորցնում, պարոնայք։ Չէ՞ որ վերջապես բոլորովին չենք կարողանա հասկանալ միմյանց։ Չէ՞ օր իմ ասածը դուրս եկավ։ Ես հիմա սեփական աչքովս համոզվեցի, որ իմ ենթադրությունն իրավացի էր,— համոզում էր տաքացած իշխանը, ցանկանալով խաղաղեցնել հուզմունքը և չնկատելով, որ միայն ավելացնում է այն։
 
— Ինչպե՞ս թե։ Ինչո՞ւմ համոզվեցիք,— հարձակվում էին նրա վրա գրեթե կատաղած։
 
— Ներեցեք, նախ և առաջ ես ինքս կարողացա հրաշալի դիտել պարոն Բուրդովսկուն, չէ՞ որ հիմա ես ինքս տեսնում եմ, թե ինչպիսին է նա․․․ Նա անմեղ մարդ է, որին, սակայն, բոլորը խաբում են։ Անպաշտպան մարդ է... և դրա համար էլ ես պետք է նրան խնայեմ, իսկ երկրորդ, Գավրիլա Արդալիոնովիչը, որին հանձնարարված է եղել գործը և որից ես վաղուց տեղեկություն չէի ստանում, որովհետև ճանապարհին էի գտնվում և հետո Պետերբուրգում երեք օր հիվանդ էի. հանկարծ հիմա, ընդամենը մի ժամ առաջ, մեր առաջին հանդիպման ժամանակ, ինձ հայտնում է, որ Չեբարովի բոլոր մտադրությունները նա հասկացել է, ապացույցներ ունի, և որ Չեբարովը հենց այն է, ինչ որ ես ենթադրում էի։ Չէ՞ որ ես գիտեմ, պարոնայք, որ ինձ շատերը ապուշ են համարում, և Չեբարովը, ըստ իմ այն համբավի, որ հեշտությամբ եմ փողերը տալիս, մտածում էր ինձ շատ հեշտությամբ խաբել, և հենց հույսը դնելով դեպի Պավլիշչևն ունեցած իմ զգացմունքների վրա։ Բայց գլխավորն այն է, դե լսեցեք ախր, պարոնայք, լսեցեք մինչև վերջ, գլխավորն այն է, որ հիմա հանկարծ պարզվում է, որ պարոն Բուրդովսկին ամենևին էլ Պավչիշչևի որդին չէ։ Հիմա դա ինձ հայտնեց Գավրիլա Արդալիոնովիչը, և հավատացնում է, որ հաստատ ապացույցներ ունի։ Դե, ինչպե՞ս կթվա սա ձեզ, չէ՞ որ անհնար է հավատալը այն ամենից հետո, ինչ որ արդեն արել եք։ Եվ լսեցեք. հաստա՛տ ապացույցներ։ Ես դեռ չեմ հավատում, ինքս չեմ հավատում, հավատացնում եմ ձեզ. ես դեռ կասկածում եմ, որովհետև Գավրիլա Արդալիոնովիչը դեռ չի հասցրել բոլոր մանրամասնությունները հայտնել ինձ, բայց որ Չեբարովը սրիկա է, ապա դրանում հիմա արդեն կասկած չկա։ Նա և դժբախտ պարոն Բուրդովսկուն, և ձեզ բոլորիդ, պարոնայք, որոնք ազնվաբար եկել եք սատարելու ձեր բարեկամին (քանի որ նա ըստ երևույթին դրա կարիքն ունի, չէ՞ որ ես հասկանում եմ դա), նա ձեզ բոլորիդ խաբել է և ձեզ բոլորիդ խճճել մի խաբեբայական դեպքի մեջ, որովհետև ըստ էության չէ՞ որ սա խաբեբայություն է, սրիկայություն։
 
— Ինչպե՞ս թե խաբեբայություն է... ինչպե՞ս թե «Պավլիշչևի որդին» չէ․․․ ինչպե՞ս կարելի է դա․․․— հնչեցին բացականչություններ։ Բուրդովսկու ամբողջ խումբը աներևակայելի իրարանցման մեջ էր։
 
— Դե, հասկանալի է, որ խաբեբայություն է։ Չէ՞ որ եթե հիմա դուրս գա, որ պարոն Բուրդովսկին «Պավլիշչևի որդին» չէ, չէ՞ որ այդ դեպքում պարոն Բուրդովսկու պահանջը ուղղակի խաբեբայության է դուրս գալիս (այսինքն, հասկանալի է, եթե նա ճշմարտությունն իմանար), բայց բանն էլ հենց այն է, որ նրան խաբել են, դրա համար էլ ես պնդում եմ, որպեսզի նրան արդարացնեմ. դրա համար էլ ասում եմ, որ նա արժանի է խղճահարության, իր միամտության պատձառով, և չի կարող առանց օգնության լինել, այլապես չէ՞ որ նա էլ այդ գործով խաբեբա դուրս կգա։ Բայց ախր ես ինքս արդեն համոզված եմ, որ նա ոչինչ չի հասկանում։ Ես ինքս էլ մինչև Շվեյցարիա գնալս այդ վիճակում էի, նույնպես թոթովում էի անկապ խոսքեր, ուզում ես արտահայտվել ու չես կարող... Ես դա հասկանում եմ. ես կարող եմ շատ կարեկցել, որովհետև ես ինքս էլ գրեթե այդպիսին եմ, ինձ թույլատրելի է խոսել։ Եվ, վերջապես, այնուհանդերձ, չնայած հիմա արդեն «Պավլիշչևի որդի» չկա, և որ այդ բոլորը խաբեություն է դուրս գալիս, ես չեմ փոխում որոշումս և պատրաստ եմ վերադարձնել տասը հազարը, ի հիշատակ Պավլիշչևի։ Չէ՞ որ մինչև պարոն Բուրդովսկին ես ուզում էի այդ տասը հազարը ի հիշատակ Պավլիշչևի գործադրել դպրոցի վրա, բայց չէ՞ որ հիմա դա միևնույնը կլինի, դպրոցի վրա, թե պարոն Բուրդովսկու, որովհետև եթե պարոն Բուրդովսկին «Պավլիշչևի որդին» չէ, ապա համարյա թե ոնց որ «Պավլիշչևի որդին» լինի․ որովհետև չէ՞ որ նրան էլ այդպես չարամտորեն խաբել են. նա ինքն անկեղծորեն իրեն համարում էր Պավլիշչևի որդին։ Ուրեմն, պարոնայք, լսեցեք Գավրիլա Արդալիոնովիչին, վերջացնենք սա, մի բարկացեք, մի հուզվեք, նստեցեք։ Գավրիլա Արդալիոնովիչը հիմա մեզ կբացատրի այդ ամենը, և ես, խոստովանում եմ, ինքս էլ շատ եմ ուզում իմանալ բոլոր մանրամասնությունները։ Նա ասում է, որ նույնիսկ գնացել է Պսկով ձեր մայրիկի մոտ, պարոն Բուրդովսկի, որը բոլորովին էլ չի մեռել, ինչպես ձեզ հարկադրել են գրել հոդվածում... Նստեցեք, պարոնայք, նստեցեք։
 
Իշխանը նստեց և կարողացավ նորից նստեցնել պարոն Բուրդովսկու՝ տեղներիը վեր թռած խմբին։ Վերջին տասը կամ քսան րոպեն նա խոսում էր տաքացած, բարձրաձայն, անհամբեր արագախոսությամբ, հափշտակված, ջանալով բոլորին հաղթել իր խոսելով, բոլորի ձայնը կտրել, և իհարկե, հետո նա արդեն դառնորեն զղջում էր հիմա իր բերանից դուրս թռած որոշ բառերի և ենթադրությունների համար։ Եթե նրան չգրգռեին և համարյա համբերությունից չհանեին, նա իրեն թույլ չէր տա այդպես մերկ և այդպես հապճեպ բարձրաձայն արտահայտել իր որոշ կռահումներն ու ավելորդ անկեղծությունները։ Բայց հենց որ նա տեղը նստեց, մի այրող զղջում ցավ պատճառելու աստիճան խոցեց նրա սիրտը։ Բացի նրանից, որ նա «վիրավորել» էր Բուրդովսկուն, այդպես հրապարակով ենթադրելով նրա մեջ նույն հիվանդությունը, որից ինքը բուժվում էր Շվեյցարիայում, բացի դրանից, տասը հազարի առաջարկը, դպրոցի փոխարեն, նրա կարծիքով, արված էր կոպիտ և անզգույշ, ինչպես ողորմություն, և հատկապես նրանով, որ արված էր մարդկանց ներկայությամբ, բարձրաձայն։ «Պետք էր սպասել և առաջարկել վաղը առանձին, իսկ հիմա արդեն գործն ուղղել չի լինի։ Այո, ես ապուշ եմ, իսկական ապուշ»,― որոշեց նա իր մեջ ամոթի և անսահման վշտի նոպայով։
 
Այդ միջոցին Գավրիլա Արդալիոնովիչը, որ մինչև այժմ կանգնած էր մեկուսի և համառորեն լռում էր, իշխանի հրավերով առաջ եկավ, կանգնեց նրա կողքին և հանգիստ ու պարզ սկսեց շարադրել իշխանի կողմից նրան հանձնարարած գործի հաշվետվությունը։ Բոլոր խոսակցությունները վայրկենապես լռեցին։ Բոլորը լսում էին արտակարգ հետաքրքրությամբ, հատկապես Բուրդովսկու խումբը։
 
=== IX ===
 
— Դուք, իհարկե, չեք ժխտի,— սկսեց Գավրիլա Արդալիոնովիչը, ուղղակի դիմելով ամբողջ ուշադրությամբ նրան ունկնդրող Բուրդովսկուն, որ զարմանքից աչքերը պլշել էր նրա վրա և, ըստ երևույթին, խիստ հուզված էր,— դուք չեք ժխտի, և իհարկե, չեք էլ ուզենա լրջորեն ժխտել, որ ծնվել եք ձեր հոր՝ կոլեգիական ասեսոր Բուրդովսկու հետ ձեր հարգարժան մայրիկի օրինական ամուսնությունից ուղիղ երկու տարի հետո։ Ձեր ծննդյան ժամանակը փաստացի ապացուցելը չափազանց հեշտ է, այնպես որ պարոն Կելլերի հոդվածի մեջ ձեզ և ձեր մայրիկի համար չափազանց վիրավորական աղավաղումն այդ փաստի բացատրվում է միայն պարոն Կելլերի սեփական վառ երևակայությամբ, որը ենթադրում էր դրանով ուժեղացնել ձեր իրավունքի ակնհայտությունը և դրանով օգնել ձեր շահերին։ Պարոն Կելլերն ասում է, որ նախօրոք ձեզ համար կարդացել է հոդվածը, թեև ոչ ամբողջը․․․ անկասկած, նա ձեզ համար չի կարդացել մինչև այդ տեղը...
 
— Իրոք, չեմ կարդացել,― ընդհատեց բռնցքամարտիկը,— բայց բոլոր փաստերը ինձ հայտնած է եղել մի լավատեղյակ անձնավորություն, և ես...
 
— Ներեցեք, պարոն Կելլեր,— կանգնեցրեց նրան Գավրիլա Արդալիոնովիչւ,— թույլ տվեք ինձ խոսելու։ Հավատացնում եմ ձեզ, որ բանը ձեր հոդվածին կհասնի իր հերթին, այն ժամանակ էլ կհայտնեք ձեր բացատրաթյունները։ Իսկ հիմա ավելի լավ է շարունակենք կարգով։ Միանգամայն պատահական ձևով, իմ քրոջ, Վարվառա Արդալիոնովնա Պտիցինայի օգնությամբ, նրա մոտիկ բարեկամուհուց՝ կալվածատիրուհի և այրի Վերա Ալեքսեևնա Զուբկովայից ձեռք բերի հանգուցյալ Նիկոլայ Անդրեևիչ Պավլիշևի՝ սրանից քսանչորս տարի առաջ արտասահմանից նրան գրած մի նամակը։ Մտերմանալով Վերա Ալեքսեևնայի հետ, ես, նրա ցուցումով, դիմեցի պարոն Պավլիշչևի հեռավոր ազգական և ժամանակին շատ լավ բարեկամ, պաշտոնաթող գնդապետ Տիմոֆեյ Ֆյոդորովիչ Վյազովկինին։ Ինձ հաջողվեց նրանից ստանալ Նիկոլայ Անդրեևիչի ևս երկու նամակը, նույնպես արտասահմանից գրված։ Այդ երեք նամակներով, նրանցում նշված տարեթվերով ու փաստերով մաթեմատիկորեն ապացուցվում է, հերքելու և նույնիսկ կասկածելու առանց որևէ հնարավորության, որ Նիկոլայ Անդրեևիչը այն ժամանակ արտասահման է մեկնել (որտեղ և մնացել է երեք տարի անընդհատ) ձեր ծնվելուց ուղիղ մեկ և կես տարի աոաջ, պարոն Բուբդովսկի։ Ձեր մայրիկը, ինչպես հայտնի է ձեզ, Ռուսաստանից երբեք չի մեկնել... Այս րոպեիս ես չեմ կարդա այդ նամակները։ Հիմա արդեն ուշ է. ես միայն բոլոր դեպքերում հայտնում եմ փաստերը։ Բայց եթե ուզում եք, պարոն Բուրդովսկի, թեկուզ հենց վաղը առավոտյան տեսակցություն նշանակել ինձ մոտ և բերել ձեր վկաներին, քանի հոգի ուզում եք, և էքսպերտներ՝ ձեռագիրը համեմատելու համար, ապա ինձ համար ոչ մի կասկած չկա, որ դուք չեք կարող չհամոզվել իմ հայտնած փաստի ակնհայտ ճշմարտությանը։ Իսկ եթե այդպես է, հասկանալի է, այդ ամբողջ գործը վերանում է և ինքնըստինքյան կարճվում։
 
Նորից հետևեց ընդհանուր շարժում և խոր հուզմունք։ Բուրդովսկին ինքը հանկարծ վեր կացավ աթոռից։
 
— Եթե այդպես է, ապա ես խաբված եմ եղել, խաբված, բայց ոչ թե Չեբարովի կողմից, այլ վաղուց, շատ վաղուց, չեմ ուզում էքսպերտներ, չեմ ուզում տեսակցություն, ես հավատում եմ, ես հրաժարվում եմ... տասը հազար համաձայն չեմ... մնաք բարով... .
 
Նա գլխարկը վերցրեց և աթոռը մի կողմ քշեց, որպեսզի գնա։
 
— Եթե կարող եք, պարոն Բուրդովսկի,— կամացուկ ու քաղցրաձայն կանգնեցրեց նրան Գավրիլա Արդալիոնովիչը,― ապա մնացեք թեկուզ մի հինգ րոպե էլ։ Այս գործով բացվում են էլի մի քանի շատ կարևոր փաստեր, հատկապես ձեզ համար, համենայն դեպս, չափազանց հետաքրքիր։ Իմ կարծիքով, ձեզ չի կարելի դրանց հետ չծանոթանալ, ու, թերևս, հենց ձեզ համար ավելի հաճելի կլինի, եթե գործը լիովին պարզաբանվի...
 
Բուրդովսկին լուռ նստեց, փոքր-ինչ գլխահակ և կարծես սաստիկ մտազբաղ։ Նրա հետևից նստեց նաև Լեբեդևի քրոջորդին, որը նույնպես վեր էր կացել նրան ուղեկցելու. սա թեև գլուխը և համարձակությունը չէր կորցրել, բայց ըստ երևույթին խիստ մտահոգված էր։ Իպոլիտը խոժոռված էր, ախար և կարծես շատ զարմացած։ Այդ րոպեին, ի դեպ, նրա հազը այնպես բռնեց, որ նույնիսկ թաշկինակը կեղտոտեց արյունով։ Բռնցքամարտիկը համարյա վախեցած էր։
 
— Է՜խ, Անտիպ,— բղավեց նա դառնությամբ։― Ախր ես քեզ ասում էի այն ժամանակ․․․ երեք օր առաջ, որ դու, գուցե իսկապես էլ Պավլիշչևի որդին չես։
 
Լսվեց զուսպ ծիծաղ, երկուսը֊երեքը ծիծաղեցին մյուսներից ավելի բարձրաձայն։
 
—— Այս րոպեին ձեր հայտնած փաստը, պարոն Կելլեր,― վրա բերեց Գավրիլա Արդալիոնովիչը,— շատ թանկաիժեք է։ Այնուամենայնիվ ես լիակատար իրավունք ունեմ ամենաճշգրիտ տվյալներով պնդելու, որ թեև պարոն Բուրդովսկուն, իհարկե, շատ լավ հայտնի էր իր ծննդյան ժամանակը, բայց բոլորովին հայտնի չէր Պավլիշչևի արտասահմանում գտնվելու այդ հանգամանքը, որտեղ պարոն Պավլիշչևը անց է կացրել իր կյանքի մեծ մասը, Ռուսաստան վերադառնալով միայն կարճ ժամկետներով։ Բացի այդ, այն ժամանակվա մեկնելու փաստն ինքնին չափազանց աննշան է, որպեսզի ավելի քան քսան տարի անց հիշեն նույնիսկ Պավլիշչևին մոտիկից ճանաչողները, ուր մնաց պարոն Բուրդովսկին, որն այն ժամանակ դեռ չէր էլ ծնվել։ Իհարկե, հիմա տեղեկանքներ հավաքելը անհնար չեղավ, բայց ես պետք է խոստովանեմ, որ իմ ստացած տեղեկանքները ինձ հաջողվել է ձեռք բերել բոլորովին պատահականորեն և շատ կարող էին ձեռքս չընկնել, այնպես որ պարոն Բուրդովսկու և նույնիսկ Չեբաբովի համար այդ տեղեկանքներն իրոք գրեթե անհնարին էին, եթե անգամ նրանց մտքով անցներ ձեռք բերել։ Բայց չէ՞ որ կարող էր նաև մտքներովը չանցնել...
 
― Թույլ տվեք, պարոն Իվոլգին,— գրգռված ընդհատեց նրան հանկարծ Իպոլիտը,— ինչի՞ համար է այս ամբողջ բարբաջանքը (ներեցեք ինձ)։ Գործը հիմա բացատրվեց, մենք համաձայնում ենք հավատալ գլխավոր փաստին, էլ ի՞նչ կարիք կա երկարացնել ծանր ու վիրավորական քաշքշուկը։ Գուցե դուք ուզում եք պարծենալ ձեր որոնումների ճարպկությամբ, մեր առաջ և իշխանի առաջ ցուցադրե՞լ, թե ինչ լավ հետաքննիչ, խուզարկու եք դուք։ Կամ հո մտադիր չե՞ք նախաձեռնել Բուրդովսկու ներումն ու արդարացումը նրանով, որ նա այս գործի մեջ խրվել է անտեղյակ լինելով։ Բայց դա հանդգնություն է, ողորմած տեր։ Ձեր արդարացման ու ներման կարիքը չունի Բուրդովսկին, թող հայտնի լինի ձեզ։ Նրա համար վիրավորական է, նրա համար առանց այն էլ ծանր է հիմա, նա անհարմար վիճակի մեջ է, դուք պետք է կռահեիք, հասկանայիք դա...
 
— Բավական է, պարոն Տերենտև, բավական է,— հաջողվեց Գավրիլա Արդալիոնովիչին ընդհատել նրան,― հանգստացեք, մի գրգռեք ձեզ. դուք, կարծես, շա՞տ անառողջ եք։ Ես ձեզ կարեկցում եմ։ Այդ դեպքում, եթե ուզում եք, ես վերջացրի, այսինքն՝ ստիպված կլինեմ միայն կարճառոտ հաղորդել այն փաստերը, որոնք, իմ համոզմամբ, ավելորդ չէր լինի իմանալ լիակատար կերպով,― ավելացրեց նա, նկատելով անհամբերության նմանող որոշ ընդհանուր շարժում։― Ես միայն ուզում եմ հայտնել, ապացույցներով, այս գործում բոլոր շահագրգռված անձանց ի գիտություն, որ ձեր մայրիկը, պարոն Բուրդովսկի, լոկ այն պատճառով էր օգտվում Պավլիշչևի համակրանքից ու հոգածությունից, որ հարազատ քույրն էր այն ճորտ աղջկա, որին սիրահարված էր Պավլիշչևը իր ամենավաղ երիտասարդության տարիներին, բայց այն աստիճան, որ անպայման կամուսնանար նրա հետ, եթե աղջիկը հանկարծահաս չմեռներ։ Ես ապացույցներ ունեմ, որ այս միանգամայն ճիշտ և ճշգրիտ ընտանեկան փաստը չափազանց քիչ հայտնի է, նույնիսկ բոլորովին մոռացված։ Այնուհետև ես կարող էի բացատրել, թե ինչպես ձեր մայրիկին, դեռևս տասնամյա մի երեխայի, վերցրել է պարոն Պավյիշչևը դաստիարակելոլ որպես ազգականուհի, որ նրա համար ետ է դրվել նշանակալից օժիտ և որ այդ ամբողջ հոգածությունը չափազանց տագնապալից լուրեր է ծնել Պավյիշչևի բազմաթիվ ազգականների մեջ. նույնիսկ կարծում էին, թե նա կամուսնանա իր սանուհու հետ, բայց վերջացավ նրանով, որ աղջիկն իր հակումով (և դա ստուգապես կարող էի ապացուցել) ամուսնացավ հողաչափ֊չինովնիկ պարոն Բուրդովսկու հետ, քսան տարեկան հասակում։ Այստեղ ինձ մոտ հավաքված են մի քանի ամենաճշգրիտ փաստեր, ապացուցելու համար, թե ինչպես ձեր հայրը՝ պարոն Բուրդովսկին, բոլորովին ոչ գործնական մի մարդ, ձեր մոր համար ստանալով տասնհինգ հազար ռուբլի օժիտ, ծառայությունը թողեց, առևտրական գործերի ձեռնարկեց, խաբվեց, կապիտալը կորցրեց, վշտին չդիմացավ, սկսեց խմել, որից հիվանդացավ և, վերջապես, անժամանակ մեռավ, ձեր մայրիկի հետ ամուսնանալու ութերորդ տարում։ Այնուհետև, ձեր մայրիկի սեփական վկայությամբ, նա մնաց աղքատության մեջ և բոլորովին կկորչեր առանց Պավլիշչևի մշտական և մեծահոգի օժանդակության, որը նրան տալիս էր մինչև վեց հարյուր ռուբլի նպաստ։ Այնուհետև անհամար վկայություններ կան, որ ձեզ՝ մանուկիդ, Պավլիշչևը սաստիկ սիրեց։ Այդ վկայություններից և դարձյալ ձեր մայրիկի հաստատելով՝ դուրս է գալիս, որ նա ձեզ սիրեց գերազանցապես այն պատճառով, որ մանուկ ժամանակ դուք թլվատի տեսք, հաշմանդամի տեսք, խղճուկ, դժբախտ երեխայի տեսք ունեիք (իսկ Պավլիշչևը, ինչպես ես եզրակացրել եմ ստույգ ապացույցներով, ինչ֊որ առանձնահատուկ քնքուշ հակում ուներ դեպի բոլոր ճնշվածներն ու բնության կողմից վիրավորվածները, հատկապես, երբ խոսքը վերաբերում էր երեխաներին, իմ համոզմամբ, մի փաստ, որ չափազանց կարևոր է մեր գործի համար)։ Վերջապես ես կարող եմ պարծենալ այն գլխավոր փաստի ամենաստույգ հետազոտությամբ, թե ինչպես Պավլիշչևի արտակարգ կապվածությունը ձեզ հետ (Պավլիշչևի, որի ջանքերով դուք մտաք գիմնազիա և սովորում էիք հատուկ հսկողության տակ) վերջապես, կամաց֊կամաց, Պավլիշչևի ազգականների և տնեցիների մեջ ծնեց այն միտքը, թե դուք Պավլիշչևի որդին եք և որ ձեր հայրը միայն խաբված ամուսին էր։ Բայց գլխավորն այն է, որ այդ միտքը որպես հաստատ և համընդհանուր կարծիք ամրապնդվեց միայն Պավլիշչևի կյանքի վերջին տարիներին, երբ բոլորը վախեցան կտակի համար և երբ սկզբնական փաստերը մոռացվել էին, իսկ տեղեկանքները անհնար դարձել։ Անտարակույս, այդ միտքը հասել է և ձեզ, պարոն Բուրդովսկի և ամբողջովին տիրել ձեզ։ Ձեր մայրը, որի հետ ես պատիվ ունեցա անձամբ ծանոթանալու, թեև գիտեր այս բոլոր լուրերի մասին, բայց նույնիսկ մինչև հիմա էլ չգիտի (ես էլ թաքցրի նրանից), որ դուք, նրա որդին ևս, գտնվում էիք այդ լուրի հմայքի տակ։ Ձեր մեծարգո մայրիկին, պարոն Բուրդովսկի, ես Պսկովում գտա հիվանդությունների և ամենածայրահեղ աղքատության մեջ, որի մեջ նա ընկել է Պավլիշչևի մահից հետո։ Նա շնորհակալության արցունքն աչքերին հայտնեց, որ միայն ձեր շնորհիվ է ապրում աշխարհի երեսին։ Նա շատ բան է սպասում ձեզանից ապագայում և ջերմորեն հավատում է ձեր ապագա հաջողություններին...
 
― Դա վերջապես անտանելի է,— բարձրաձայն ու անհամբերությամբ հանկարծ հայտարարեց Լեբեդևի քրոջորդին։— Ինչի՞ համար է այս ամբողջ վեպը։
 
— Նողկալիորեն անվայելուչ է,— ուժեղ շարժում գործեց Իպոլիտը։ Բայց Բուրդովսկին ոչինչ չնկատեց և նույնիսկ չշարժվեց։
 
— Ինչի համա՞ր։ Ինչո՞ւ,— խորամանկորեն զարմացավ Գավրիլա Արդալիոնովիչը, թունոտ պատրաստվելով շարադրելու իր եզրափակումը։— Դե նախ և առաջ պարոն Բուրդովսկին հիմա, կարող է պատահել, լիովին համոզված է, որ պարոն Պավլիշչևը նրան սիրում էր մեծահոգությունից, և ոչ թե որպես որդու։ Հենց միայն այս փաստը անհրաժեշտ էր իմանալ պարոն Բուրդովսկուն, որը այն ժամանակ հաստատել ու հավանություն էր ավել պարոն Կելլերին, հոդվածը կարդալուց հետո։ Այսպես եմ ասում նրա համար, որ ձեզ ազնիվ մարդ եմ համարում, պարոն Բուրդովսկի։ Երկրորդ, պարզվում է, որ այստեղ ոչ մի գողություն֊խաբեբայություն չի եղել նույնիսկ Չեբարովի կողմից. դա կարևոր կետ է նույնիսկ ինձ համար, որովհետև իշխանը քիչ առաջ տաքանալով, հիշատակեց, իբր ես էլ նույն կարծիքին եմ այս դժբախտի գործում գողության-խաբեբայության մասին։ Այստեղ, ընդհակառակը, ամեն կողմից լիակատար համոզվածություն կար, և թեկուզ Չեբարովը, գուցե և իրոք մեծ խարեբա է, բայց այս գործում նա արտահայտվում է ոչ ավելի, քան պատրվակարար, գրագիր, արհեստագործ։ Նա հույս ուներ մեծ գումար վաստակել որպես փաստաբան և նրա հաշիվը ոչ միայն նուրբ ու վարպետորեն էր արված, այլև ուղիղ. նա հիմնվում էր այն հեշտության վրա, որով իշխանը տալիս էր փողը և նրա ազնիվ֊հարգալից վերաբերմունքի վրա դեպի հանգուցյալ Պավչիշչևը․ նա հիմնվում էր, վերջապես (որ ամենից կարևորն է), պատվի ու խղճի պարտավորության վերաբերյալ իշխանի որոշ ասպետական հայացքների վրա։ Ինչ վերաբերում է հատկապես պարոն Բուրդովսկուն, ապա կարելի է նույնիսկ ասել, Չեբարովը և նրան շրջապատած խումբը այն աստիճան էր տրամադրել նրան, որ նա, շնորհիվ իր մի քանի համոզմունքների, գործն սկսեց համարյա բոլորովին ոչ շահադիտությունից, այլ գրեթե որպես ճշմարտությանը, առաջադիմությանը և մարդկությանը մատուցվող ծառայություն։ Այժմ, հաղորդած փաստերից հետո, ուրեմն, բոլորի համար պարզ է, որ պարոն Բուրդովսկին ազնիվ մարդ է, չնայած ամբողջ երևութականությանը, և հիմա իշխանը քիչ առաջվանից ավելի շուտ և ավելի սիրով կարող է նրան առաջարկել իր բարեկամական օժանդակությունը, և այն գործոն օգնությունը, որի մասին հիշատակեց քիչ առաջ, խոսելով դպրոցների և Պավլիշչևի մասին։
 
— Կանգ առեք, Գավրիլա Արդալիոնովիչ, կանգ առեք,— բղավեց իշխանը իսկական վախով, բայց արդեն ուշ էր։
 
— Ես ասացի, ես արդեն երեք անգամ ասացի,— գրգռված բղավեց Բուրդովսկին,— որ փող չեմ ուզում։ ես չեմ ընդունի․․․ ինչո՞ւ... չեմ ուզում... դո՜ւրս...
 
Եվ նա քիչ մնաց փախչեր պատշգամբից։ Բայց Լեբեդևի քրոջորդին բռնեց նրա թևից և մի բան շշնջաց նրան։ Նա արագ վերադարձավ և գրպանից հանելով չկնքած նամակի մի մեծ ծրար, նետեց իշխանի մոտ դրած փոքրիկ սեղանին։
 
— Ահա փողը... դուք չպետք է համարձակվեիք... չպետք է համարձակվեիք... փողը...
 
— Երկու հարյուր հիսուն ռուբլին, որ դուք համարձակվել էիք իբրև ողորմություն ուղարկել Չեբարովի միջոցով,— պարզաբանեց Դոկտորենկոն։
 
— Հոդվածում ասված է հիսուն,— բղավեց Կոլյան։
 
— Ես մեղավոր եմ,— ասաց իշխանը, մոտենալով Բուրդովսկուն, — ես շատ մեղավոր եմ ձեր առաջ, Բուրդովսկի, բայց իբրև ողորմություն չեմ ուղարկել, հավատացեք։ Ես հիմա էլ մեղավոր եմ... Ես քիչ առաջ մեղավոր էի (իշխանի տրամադրությունը շատ ընկած էր, հոգնած և թույլ տեսք ուներ, և բառերն անկապ էին)։ Ես ասացի խաբեբայության մասին․․․ բայց դա ձեր մասին չէ, ես սխալվեցի։ Ես ասացի, որ դուք էլ ինձ պես եք, հիվանդ։ Բայց դուք ինձ պես չեք, դուք... դասեր եք տալիս, դուք ձեր մորն եք պահում։ Ես ասացի, որ դուք խաղք արիք ձեր մորը, բայց դուք նրան սիրում եք. նա ինքն է ասում․․․ Ես չգիտեի․․․ Գավրիլա Արդալիոնովիչը քիչ առաջ ինձ մինչև վերջ չէր ասել․․․ Ես մեղավոր եմ։ Ես համարձակվեցի ձեզ տասը հազար առաջարկել, բայց ես մեղավոր եմ, ես դա այլ կերպ պետք է անեի, իսկ հիմա... չի կարելի, որովհետև դուք ինձ արհամարհում եք...
 
— Սա խելագարանո՜ց է,— բացականչեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 
— Իհարկե խելագարների տուն է,— չհամբերեց ու կոպիտ ասաց Ագլայան, բայց նրա խոսքերը կորան ընդհանուր աղմուկի մեջ. բոլորն արդեն բարձրաձայն խոսում էին, բոլորը դատողություններ էին անում, որը վիճում էր, որը ծիծաղում։ Իվան Ֆյոդորովիչ Եպանչինը ծայր աստիճան զայրացած էր և, վիրավորված արժանապատվության տեսքով, սպասում էր Լիզավետա Պրոկոֆևնային։ Լեբեդևի քրոջորդին մեջ գցեց վերջին խոսքը.
 
― Այո, իշխան, ձեզ պետք է արդարացին հատուցել, դուք շատ լավ կարողանում եք օգտվել... դե, ձեր հիվանդությունից (որպեսզի վայելուչ արտահայտված լինեմ), դուք այնպիսի ճարպիկ ձևով աոաջարկեցիք ձեր բարեկամությունն ու փողը, որ հիմա ազնիվ մարդու համար դրանք ընդունելը ոչ մի դեպքում հնարավոր չէ։ Դա կամ արդեն չափազանց անմեղ բան է, կամ չափազանց ճարպիկ․․․ ասենք, ձեզ ավելի հայտնի է։
 
— Թույլ տվեք, պարոնայք,― բացականչեց Գավրիլա Արդալիոնովիչը, այդ միջոցին բաց անելով փողի ծրարը,— այստեղ բոլորովին էլ երկու հարյուր հիսուն ռուբլի չէ, այլ ընդամենը հարյուր։ Ես նրա համար եմ ասում, իշխան, որ մի թյուրիմացություն չստացվի։
 
— Թողեք, թողեք,— ձեռքերը թափահարեց իշխանը Գավրիլա Արդալիոնովիչի վրա։
 
— Ոչ մի «թողեք»,— անմիջապես կպավ Լեբեդևի քրոջորդին։— Մեզ համար վիրավորական է ձեր «թողեք»֊ը, իշխան։ Մենք չենք թաքնվում, մենք բացահայտ հայտարարում ենք, այո, այդտեղ միայն հարյուր ռուբլի է, և ոչ թե երկու հարյուր հիսուն, բայց մի՞թե դա միևնույն չէ․․․
 
— Ո֊ոչ, միևնույն չէ,— միամիտ տարակուսանքի արտահայտությամբ միջամտեց Գավրիլա Արդալիոնովիչը։
 
— Ինձ մի ընդհատեք, մենք այնպես հիմար չենք, ինչպես կարծում եք, պարոն փաստաբան,— չար զայրույթով բացականչեց Լեբեդևի քրոջորդին,— հասկանալի է, որ հարյուր ռուբլին երկու հարյուր հիսուն ռուբլի չէ, և միևնույնը չէ, բայց կարևորը սկզբունքն է. այստեղ կարևոր է նախաձեռնությունը, իսկ որ հարյուր հիսուն ռուբլի պակասում է, դա միայն ժամանակի բան է։ Կարևորն այն է, որ Բուրդովսկին չի ընդունում ձեր ողորմությունը, ձերդ պայծառափայլություն, որ նա այդ ողորմությունը ձեր երեսին է շպրտում, իսկ այդ իմաստով միևնույն է, հարյուր ռուբլի լինի, թե երկու հարյուր հիսուն։ Բուրդովսկին չընդունեց տասը հազարը, դուք տեսաք, հարյուր ռուբլին էլ չէր բերի, եթե անազնիվ լիներ։ Այդ հարյուր հիսուն ռուբլին տրվել է Չեբարովին, որպես իշխանի մոտ գնալու ճանապարհածախս։ Ավելի շուտ ծիծաղեցեք մեր անճարպիկության վրա, գործեր վարելու մեր անգիտության վրա։ Դուք առանց այն էլ բոլոր ուժերով ջանացիք մեզ ծիծաղելի դարձնել. բայց չհամարձակվեք ասել, թե մենք անազնիվ ենք։ Այդ հարյուր հիսուն ռուբլին, ողորմած տեր, մենք բոլորս միասին կմուծենք իշխանին։ Մենք թեկուզ մեկական ռուբլով լինի, կվերադարձնենք և կվերադարձնենք տոկոսներով։ Բուրդովսկին աղքատ է, Բուրդովսկին միլիոններ չունի, իսկ Չեբարովը ճանապարհորդությունից հետո հաշիվ ներկայացրեց։ Մենք հույս ունեինք գործը շահել... նրա փոխարեն ո՞վ կվարվեր ուբիշ կերպ։
 
— Ինչպե՞ս թե՝ ով,— բացականչեց իշխան Շչ֊ն։
 
— Ես այստեղ կխելագարվեմ,— աղաղակեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 
— Դա հիշեցնում է,— ծիծաղեց Եվգենի Պավլովիչը, որը երկար Ժամանակ կանգնել և դիտում էր,― վերջերս եղած մի փաստաբանի հանրահայտ պաշտպանությունը, որը որպես արդարացում ցուցադրելով կողոպտելու նպատակով միանգամից վեց մարդ սպանած իր կլիենտի աղքատությունը, հանկարծ եզրակացրեց այդպես․ «Բնական է, ասում է, որ աղքատության պատճառով իմ կլիենտի մտքով անցել է կատարել վեց հոգու այդ սպանությունը, և նրա տեղը ո՞վ լիներ, որ մտքովը չանցներ դա»։ Ինչ-որ դրա պես մի բան, միայն թե շատ զվարճալի։
 
— Բավակա՛ն է,— հանկարծ ազդարարեց Լիզավետա Պրոկոֆևնան, համարյա դողալով ցասումից,— ժամանակն է վերջ տալու այս ցնդաբանությանը...
 
Նա սարսափելի գրգռված էր, նա սպառնագին ետ գցեց գլուխը և գոռոզ, բորբոքված ու անհամբեր մարտահրավերով իր փայլատակող հայացքը հածեց ամբողջ խմբի վրա, հազիվ թե այդ րոպեին տարբերելով բարեկամներին թշնամիներից։ Դա երկար զսպած, բայց վերջապես պայթած ցասման այն կետն էր, երբ գլխավոր մղումը դառնում է անհապաղ պայքարը, շուտով որևէ մեկի վրա հարձակվելու անհապաղ պահանջը։ Լիզավետա Պրոկոֆևնային ճանաչողները անմիջապես զգացին, որ նրա մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կատարվեց։ Իվան Ֆյոդորովիչը հենց հաջորդ օրն ասում էր իշխան Շչ-ին, որ «նրան այդ պատահում է, բայց այդ աստիճան, ինչպես երեկ, նույնիսկ նրան հազվադեպ է պատահում, այսպես մի երեք տարին մի անգամ, բայց բնավ դրանից ոչ ավելի հաճախակի։ Բնավ ոչ ավելի հաճախակի»,― ավելացրեց նա համոզիչ կերպով։
 
— Բավական է, Իվան Ֆյոդորովիչ։ Թողեք ինձ,― բացականչեց Լիզավետա Պրոկոֆևնան,― ի՞նչ եք հիմա ինձ ձեր թևն առաջարկում։ Չկարողացաք քիչ առաջ դուրս տանել, դուք ամուսին եք, դուք ընտանիքի գլուխ եք, դուք պետք է ինձ, հիմարիս, ականջիցս բռնած դուրս տանեիք, եթե ես ձեզ չլսեի և դուրս չգայի։ Գոնե աղջիկներիդ համար հոգ տանեիք։ Իսկ հիմա առանց ձեզ էլ ճանապարհը կգտնենք, մի ամբողջ տարվա համար հերիք է այս ամոթը․․․ Սպասեցեք, ես դեռ իշխանին ուզում եմ շնորհակալություն հայտնել․․․ Շնորհակալություն, իշխան, հյուրասիրության համար։ Իսկ ես իմ խելքով նստեցի երիտասարդներին ականջ դնելու... Սա ստորություն է, ստորություն։ Սա քաոս է, խայտառակություն, այսպիսի բան երազում էլ չես տեսնի։ Բայց մի՞թե այսպիսի, սրանց նմանները շատ են... Լռիր, Ագլայա։ Լռիր, Ալեքսանդրա։ Ձեր զործը չէ... Պտույտ մի եկեք շուրջս, Եվզենի Պավլովիչ, ձանձրացրիք ինձ... Ուրեմն, մի բան էլ դեռ դո՜ւ ես նրանցից ներողություն խնդրում, սիրելիս,— վրա բերեց նա կրկին, դառնալով դեպի իշխանը,— «մեղավոր եմ, այսինքն, որ համարձակվեցի ձեզ կապիտալ առաջարկել»․․․ իսկ դո՞ւ ինչ ես բարեհաճում ծիծաղել, պոռոտախոս,— հանկարծ հարձակվեց նա Լեբեդևի քրոջորդու վրա,— «մենք, իբր, կապիտալից հրաժարվում ենք, մենք պահանջո՜ւմ ենք, և ոչ թե խնդրում»։ Կարծես թե հաստատ չգիտի, որ այս ապուշը հենց վաղը նորից քարշ կգա նրանց մոտ իր բարեկամությունն ու կապիտալը առաջարկելու նրանց։ Չէ՞ որ կգնաս։ Կգնա՞ս, թե ոչ։
 
— Կգնամ,— ցածր ու հլու ձայնով ասաց իշխանը։
 
— Լսեցի՞ք։ Ախր հույսդ հենց դրա վրա էլ դրել ես,— նորից շուռ եկավ նա դեպի Դոկտորենկոն,— ախր մեկ է, թե փողն արդեն գրպանումդ է, դրա համար էլ հիմա պոռոտախոսում ես, որ աչքերիս թող փչես․․․ Չէ՜, աղավնյակս, ուրիշ հիմարների գտիր, իսկ ես ձեզ տակետակ տեսնում եմ... Ձեր ամբողջ խաղը տեսնում եմ։
 
— Լիզավետա Պրոկո՜ֆևնա,— բացականչեց իշխանը։
 
— Գնանք այստեղից, Լիզավետա Պրոկոֆևնա, վաղուց ժամանակն է, և իշխանին էլ տանենք հետներս,— որքան կարելի է հանգիստ և ժպտալով ասաց իշխան Շչ-ն։
 
Աղջիկները կանգնել էին մեկուսի գրեթե վախեցած, գեներալը իսկապես վախեցած էր․ առհասարակ բոլորը զարմանք էին կտրել։ Մի քանիսը, որոնք ավելի հեռու էին կանգնած, թաքուն քմծիծաղ էին տալիս և իրար հետ քչփչում. Լեբեդևի դեմքն արտահայտում էր ցնծության վերջին աստիճանը։
 
— Խայտառակություն և քաոս ամեն տեղ կգտնես, տիրուհի,— նշանակալից, սակայն մտահոգված ասաց Լեբեդևի քրոջորդին։
 
— Բայց ոչ այսպիսի։ Ոչ այսպիսի, ախպերս, ինչպես հիմա ձեզ մոտ, ո՛չ այսպիսի,— չարախնդությամբ, ասես հիստերիկայի մեջ, վրա բերեց Լիզավետա Պրոկոֆևնան։— Հանգիստ թողնելո՞ւ եք ինձ,— բղավեց նա իրեն համոզողների վրա,— չէ, եթե արդեն նույնիսկ դուք ինքներդ հիմա հայտարարեցիք, Եվգենի Պավլովիչ, որ նույնիսկ պաշտպանը դատարանում հայտարարեց, որ ավելի բնական ոչինչ չկա, քան աղքատության պատճառով վեց հոգի սպանելը, ապա իսկապես որ վերջին ժամանակներն են վրա հասել։ Դա ես դեռ չէի լսել։ Հիմա ինձ համար ամեն ինչ բացատրվեց։ Դե ահա այս թլվատը, մի՞թե սա չի մորթի (նա ցույց տվեց արտակարգ տարակուսանքով նրան նայող Բուրդովսկուն)։ Գրազ կգամ, որ կմորթի։ Նա քո փողը, տասը հազարը, գուցե և չի վերցնի, գուցե և խղճի մտոք չի վերցնի, իսկ գիշերը կգա և կմորթի, և փողը տուփի միջից կհանի։ Խղճի մտոք կանի։ Դա նրա կարծիքով անազնիվ չի։ Դա «ազնիվ հուսահատության պոռթկում» է, դա «բացասում» է» կամ էլ սատանան գիտի, թե ինչ... Թո՛ւհ, ամեն ինչ թարս շուռ տված, բոլորը սկսել են գլխիվայր ման գալ։ Աղջիկ է մեծանում տան մեջ, հանկարծ փողոցի մեջտեղը թը՜ռ կառքին. «Մայրիկ, ես օրերս այսինչ Կառլիչի կամ Իվանիչի հետ ամուսնացել եմ, մնաք բարո՜վ»։ Ուրեմն ձեր կարծիքով լա՞վ է այդպես վարվելը։ Հարգանքի՞ է արժանի, բնակա՞ն է։ Կանանց հա՞րց է։ Ահա այս անպիտան տղան (նա ցույց տվեց Կոլյային), նույնիսկ սա նորերս վիճում էր, թե դա հենց նշանակում է «կանանց հարց»։ Ասենք թե մայրը հիմար է եղել, բայց, համենայն դեպս, դու մարդ եղիր նրա նկատմամբ... Ինչո՞ւ քիչ առաջ գլուխներդ ցցած ներս մտաք։ «Չհամարձակվեք մոտենալ», մենք ենք գալիս։ «Մեզ բոլոր իրավունքները հրամցրու, իսկ դու նույնիսկ ծպտուն հանել չհամարձակվես մեր առաջ։ Մեզ բոլոր հարգանքները մատուցիր, ինչպիսիք նույնիսկ չեն էլ լինում, իսկ մենք քեզ կարհամարհենք ավելի վատ, քան վերջին լակեյին»։
 
Ճշմարտություն են որոնում, իրավունքի կողմն են կանգած, իսկ իրենք անօրենների պես զրպարտել են նրան հոդվածում։ «Պահանջո՛ւմ ենք, և ոչ թե խնդրո՜ւմ, և մեզնից ոչ մի շնորհակալություն չեք լսի, որովհետև դուք ձեր սեփական խղճի բավարարման համա՜ր եք անում»։ Այ քեզ բարոյախոսություն, բայց ախր եթե քեզնից ոչ մի շնորհակալություն չի լինի, ապա չէ՞ որ իշխանն էլ կարող է ասել քեզ ի պատասխան, որ նա դեպի Պավլիշչևը ոչ մի շնորհակալություն չի զզում, որովհետև Պավլիշչևն էլ բարի գործ անում էր սեէիական խղճի բավարարման համար։ Բայց չէ՞ որ դու հույսդ դրել ես միայն դեպի Պավլիշչևն ունեցած նրա շնորհակալության վրա. չէ՞ որ քեզնից չէր փող պարտք վերցրել, քեզ չի պարտք, հապա հույսդ ինչի՞ վրա էիր դրել, եթե ոչ շնորհակալութչան։ Ուրեմն ինչպե՞ս ես ինքդ հրաժարվում որանից։ Խելագարնե՜ր։ Հասարակությունը վայրենի և անմարդկային են համարում նրա համար, որ նա անարգում է գայթակղեցրած աղջկան։ Բայց եթե անմարդկային ես համարում հասարակությանը, նշանակում է, ընդունում ես, որ այդ հասարակությունը այդ աղջկան ցավ է պատճառում։ Իսկ եթե ցավ է պատճառում, հապա էլ ինչպե՞ս ես դու ինքդ նրան այդ հասարակության առաջ հանդես բերում թերթերում և պահանջում, որ ցավ չպատճառի նրան։ Խելագարնե՜ր։ Սնափառնե՜ր։ Աստծուն չեն հավատում, Քրիստոսին չեն հավատում։ Ախր սնափառությունն ու հպարտությունն այն աստիճան են կերել ձեզ, որ նրանով կվերջանա, որ իրար կուտեք, այդ կանխագուշակում եմ ձեզ համար։ Եվ խառնաշփոթություն չէ՞ սա, քաոս չէ՞, խայտառակություն չէ՞ սա։ Եվ դրանից հետո այս անամոթը դեռ խցկվում է նրանից ներողություն խնդրելու։ Շա՞տ եք այդպիսիներդ։ Ի՞նչ եք ծիծաղում. որ ես ինձ խայտառակեցի՞ ձեզ հետ։ Բայց ախր արդեն խայտառակվեցի, ախր այլևս հնար չկա... Իսկ դու մի՛ ծիծաղիր, աղտոտող (հարձակվեց նա հանկարծ Իպոլիտի վրա), ինքը հազիվ է շնչում, բայց ուրիշներին է այլասերում։ Դու ես փչացրել այս անպիտան տղային (նա նորից ցույց տվեց Կոլյային). նա միայն քո մասին է զառանցում, դու ես նրան աթեիզմ սովորեցնում, դու աստծուն չես հավատում, իսկ քեզ դեռ ձաղկել կարելի է, ողորմած պարոն, բայց թո՛ւհ ձեզ հետ... Ուրեմն կգնա՞ս, իշխան Լև Նիկոլաևիչ, վաղը նրանց մոտ կգնա՞ս,— նորից հարցրեց նա իշխանին, համարյա շնչահեղձ լինելով։
 
— Կգնամ։
 
— Որ այդպես է, քեզ ճանաչել չեմ ուզում սրանից հետո։— Նա արագ շուռ եկավ, որ գնա, բայց հանկարծ նորից վերադարձավ։— Այս աթեիստի մո՞տ էլ կգնաս,— ցույց տվեց նա Իպոլիտին։— Ի՞նչ ես վրաս ծիծաղում,— մի տեսակ անբնական ճչաց նա և հանկարծ նետվեց դեպի Իպոլիտը, չդիմանալով նրա կծու քմծիծաղին։
 
— Լիզավետա Պրոկո՜ֆևնա։ Լիզավետա Պրոկո՜ֆևնա։ Լիզավետա Պրոկո՜ֆևնա,— միանգամից լսվեց բոլոր կողմերից։
 
— Maman, դա ամոթ է,— բարձրաձայն ճչաց Ագլայան։
 
— Մի անհանգստացեք, Ագլայա Իվանովնա,— հանգիստ պատասխանում էր Իպոլիտը, որի ձեռքից պինդ բռնել ու չգիտես ինչու պահել էր մոտ թռած Լիզավետա Պրոկոֆևնան. նա կանգնել էր Իպոլիտի առաջ և կարծես կատաղի հայացքը մխրճել նրա մեջ,— մի անհանգստացեք, ձեր maman֊ն ուշադիր կնայի և կտեսնի, որ չի կարելի հարձակվել մեռնող մարդու վրա... Ես պատրաստ եմ պարզաբանելու, թե ինչու էի ծիծաղում... շատ ուրախ կլինեմ, եթե թույլ տրվի...
 
Այստեղ նա հանկարծ սկսեց սարսափելի հազալ և մի ամբողջ րոպե չէր կարողանում հազը կտրել։
 
— Ախր մեռնում է, բայց դեռ հռետորությո՜ւն է անում,— բացականչեց Լիզավետա Պրոկոֆևնան, բաց թողնելով նրա ձեռքը և համարյա սարսափած նայելով, թե նա ինչպես է շրթունքներից արյունը սրբում,— դու խոսելու ճա՞ր ունես։ Քեզ պետք է ուղղակի գնալ ու պառկել։
 
— Այդպես էլ կլինի,— կամաց, խռպոտ և համարյա շշուկով պատասխանեց Իպոլիտը,— ես, հենց որ վերադառնամ այսօր, անմիջապես կպառկեմ... երկու շաբաթից հետո, ինչպես ինձ հայտնի է, ես կմեռնեմ... Անցած շաբաթ Բ֊նն՝ ինքն ինձ հայտնեց։ Ուրեմն եթե թույլ կտաք, ես հրաժեշտի երկու խոսք կասեի ձեզ։
 
— Դու խելագարվե՞լ ես, ինչ էt։ Հիմարություն։ Բուժվել է պետք, հիմա ի՞նչ խոսակցություն։ Գնա, գնա պառկիր․․․— վախեցած գոչեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 
— Պառկեմ, բայց ախր այլևս վեր չեմ կենա մինչև մահս,— ժպտաց Իպոլիտը,— ես արդեն երեկ ուզեցա այնպես պառկել, որ արդեն մինչև մահս վեր չկենամ, բայց որոշեցի հետաձգել մինչև վաղը չէ մյուս օրը, քանի դեռ ոտներս շարժվում են... որպեսզի ահա սրանց հետ այսօր այստեղ գայի... միայն թե արդեն շատ հոգնեցի...
 
— Նստիր, նստիր, ի՞նչ ես կանգնել։ Ահա քեզ աթոռ,— նետվեց Լիզավետա Պրոկոֆևնան և ինքը աթոռը դրեց նրա տակ։
 
— Շնորհակալ եմ,— կամացուկ շարունակեց Իպոլիտը,— իսկ դուք նստեցեք դեմս, և ահա կխոսենք... մենք անպայման պիտի խոսենք, Լիզավետա Պրոկոֆևնա, հիմա ես արդեն պնդում եմ այդ...— նորից Ժպտաց նա։— Մտածեցեք, որ այսօր վերջին անգամն եմ ես բաց օդում և մարդկանց հետ, իսկ երկու շաբաթ հետո հավանաբար հողում կլինեմ։ Նշանակում է, սա հրաժեշտի պես մի բան կլինի թե մարդկանց, թե բնության հետ։ Ես թեև շատ զգայուն չեմ, բայց շատ ուրախ եմ, որ այս ամենը այստեղ Պավլովսկում պատահեց․ համենայն դեպս, գոնե սաղարթապատ ծառին կնայես։
 
— Հիմա ի՞նչ խոսակցության ժամանակ է,— ավելի ու ավելի էր վախենում Լիզավետա Պրոկոֆևնան,— դու ամբողջովին տենդի մեջ ես։ Քիչ առաջ ճղճղում ու ծվծվում էիր, իսկ հիմա հազիվ ես շունչդ ետ բերում, շունչդ կտրվել է։
 
— Հիմա կհանգստանամ։ Ինչո՞ւ եք ուզում մերժել իմ վերջին ցանկությունը։ Իսկ գիտե՞ք արդյոք, որ ես արդեն վաղուց էի երազում մի անգամ հանդիպել ձեզ, Լիզավետա Պրոկոֆևնա, ես ձեր մասին շատ եմ լսել․․․ Կոլյայից. ախր համարյա մենակ նա է, որ ինձ չի լքում... Դուք յուրօրինակ կին եք, էքսցենտրիկ կին եք, ես ինքս էլ հիմա տեսա.... Գիտե՞ք արդյոք, որ ես նույնիսկ մի քիչ սիրում էի ձեզ։
 
— Տեր աստված, իսկ ես քիչ մնաց նրան խփեի, իսկապես։
 
— Ձեզ ետ պահեց Ագլայա Իվանովնան. ես չեմ սխալվում, այնպես չէ՞։ Սա ձեր աղջիկը՝ Ագլայա Իվանովնան է, այնպես չէ՞։ Նա այնքան գեղեցիկ է, որ քիչ առաջ ես առաջին հայացքից կռահեցի նրա ով լինելը, թեև երբեք չէի տեսել։ Թույլ տվեք ինձ գոնե կյանքումս վերջին անգամ գեղեցկուհու երեսին նայել,— ինչ֊որ ամաչկոտ ծուռ ժպիտով ժպտաց Իպոլիտը,— ահա իշխանն էլ այստեղ է, ձեր ամուսինն էլ, և ամբողջ խումբը։ Ինչո՞ւ եք մերժում իմ վերջին ցանկությունը։
 
— Աթո՛ռ,— բղավեց Լիզավետա Պրոկոֆևնան, բայց ինքը վերցրեց ու նստեց Իպոլիտի դիմաց։— Կոլյա,— հրամայեց նա,— անմիջապես կճանապարհվես նրա հետ, ուղեկցիր նրան, իսկ վաղն անպայման ես ինքս...
 
— Եթե թույլ տայիք, իշխանից մի գավաթ թեյ կխնդրեի... ես շատ հոգնեցի։ Գիտե՞ք ինչ, Լիզավետա Պրոկոֆևնա, կարծեմ, դուք ուզում էիք իշխանին ձեզ մոտ տանել թեյ խմելու. մնացեք այստեղ, միասին անցկացնենք ժամանակը, իսկ իշխանը հավանաբար մեզ բոլորիս թեյ կտա։ Ներեցեք, որ ես այսպես կարգադրություններ եմ անում... Բայց չէ՞ որ ես ձեզ գիտեմ, դուք բարի եք, իշխանը նույնպես... Դուք բոլորդ կոմիզմի աստիճան բարի մարդիկ եք...
 
Իշխանն իրար անցավ, Լեբեդևը շատ արագ դուրս նետվեց սենյակից, նրա հետևից վազեց Վերան։
 
— Ճիշտ էլ որ,— կտրուկ որոշեց գեներալի կինը,— խոսիր, միայն թե կամաց, և մի ժպտա։ Խղճահարեցրիր ինձ... Իշխան, դու արժանի չէիր, որ քեզ մոտ թեյ խմեի, բայց թող այդպես լինի, մնում եմ, թեև ոչ ոքից ներողություն չեմ խնդրում։ Ոչ ոքից։ Հիմարություն... Ասենք, եթե քեզ նախատեցի, իշխան, ներիր, ի դեպ, եթե ուզում ես։ Ասենք, ես ոչ ոքի չեմ պահում,— անսովոր զայրույթի արտահայտությամբ դարձավ նա հանկարծ ամուսնուն ու աղջիկներին, կարծես թե հենց նրանք էին ինչ-որ բանում սաստիկ մեղավոր նրա առաջ,— ես մենակ էլ կարող եմ տուն հասնել։
 
Բայց նրան ժամանակ չտվին խոսքն ավարտելու։ Բոլորը մոտեցան և պատրաստակամությամբ շրջապատեցին նրան։ Իշխանն անմիջապես սկսեց խնդրել բոլորին, որ մնան թեյ խմելու և ներեն նրան, որ մինչև հիմա դա իր մտքով չէր անցել։ Նույնիսկ գեներալն այնքան սիրալիր եղավ, որ հանգստացուցիչ մի բան փնթփնթաց և սիրալիր հարցրեց Լիզավետա Պրոկոֆենային. «Բայց նրա համար ցուրտ չէ՞ պատշգամբում»։ Նույնիսկ քիչ մնաց Իպոլիտին հարցներ. «Վաղո՞ւց է նա համալսարանում», բայց չհարցրեց։ Եվգենի Պավլովիչը և իշխան Շչ-ն հանկարծ դարձան չափազանց սիրալիր և ուրախ, Ադելաիդայի և Ալեքսանդրայի դեմքերին, շարունակվող զարմանքի միջից, երևում էր նույնիսկ գոհունակություն, մի խոսքով, ըստ երևույթին բոլորը գոհ էին, որ Լիզավետա Պրոկոֆևնայի ճգնաժամն անցավ։ Միայն Ագլայան էր խոժոռված և լուռ նստեց հեռվում։ Մնաց նաև ամբողջ մնացած հասարակությունը, ոչ ոք չէր ուզում գնալ, նույնիսկ գեներալ Իվոլգինը, որին Լեբեդևը, ի միջի այլոց, մի բան շշնջաց կողքից անցնելիս, հավանաբար ոչ այնքան հաճելի բան, որովհետև գեներալը անմիջապես ետ քաշվեց մի անկյուն։ Իշխանը հրավերով մոտենում էր նաև Բուրդովսկուն և նրա խմբին, ոչ ոքի չանտեսելով։ Նրանք ձգված տեսքով մրթմրթացին, որ կսպասեն Իպոլիտին և անմիջապես հեռացան պատշգամբի ամենահեռավոր անկյունը, որտեղ և նստեցին դարձյալ բոլորը միասին։ Հավանաբար Լեբեդևը արդեն վաղուց թեյը պատրաստել էր իր համար, որովհետև անմիջապես հայտնվեց։ Խփեց ժամը տասնմեկը։
 
 
=== X ===
 
Իպոլիտը շրթունքները թրջեց Վերա Լեբեդևայի մատուցած թեյի գավաթում, գավաթը դրեց փոքրիկ սեղանին և հանկարծ, կարծես ամաչելով, գրեթե շփոթված նայեց շուրջը։
 
— Տեսեք, Լիզավետա Պրոկոֆևնա, այս գավաթները,— մի տեսակ արտասովոր իրար անցավ նա,― այս ճենապակե գավաթները, և, կարծեմ, հրաշալի ճենապակե, Լեբեդևը միշտ պահում է շիֆոներկայի մեջ՝ ապակու տակ փակած, երբեք չեն մատուցվում... ինչպես ընդունված է, սա նրա կինն է հետը օժիտ բերել... նրանց մոտ այդպես է ընդունված... և ահա նա սրանք մատուցեց ի պատիվ ձեզ, հասկանալի է, այնքան ուրախացել է, որ...
 
Նա ուզում էր էլի ինչ֊որ բան ավելացնել, բայց խոսք չգտավ։
 
— Այնուամենայնիվ շփոթվեց, ես այդպես էլ սպասում էի,— հանկարծ իշխանի ականջին շշնջաց Եվգենի Պ ավլովիչը։— Բայց դա վտանգավոր է, չէ՞։ Ամենաճիշտ նշանն է, որ հիմա, չարությունից, մի այնպիսի արտառոց բան կանի, որ նույնիսկ Լիզավետա Պրոկոֆևնան չի դիմանա։
 
Իշխանը հարցական նայեց նրան։
 
― Դուք արտառոց բաներից չե՞ք վախենում,— ավելացրեց Եվգենի Պավլովիչը։— Ես էլ նույնպես, նույնիսկ ցանկանում եմ․ իսկապես ասած, ես ուզում եմ նրա համար միայն, որ մեր սիրելի Լիզավետա Պրոկոֆևնան պատժվի, և անպայման հենց այսօր, հենց հիմա, առանց այդ նույնիսկ գնալ չեմ ուզում։ Դուք, կարծես, տենդ ունեք։
 
— Հետո, մի խանգարեք։ Այո, ես տկար եմ,— մտացրիվ և նույնիսկ անհամբեր պատասխանեց իշխանը։ Նա լսել էր իր անունը։ Իպոլիտը խոսում էր նրա մասին։
 
— Դուք չե՞ք հավատում,— հիստերիկ ծիծաղում էր Իպոլիտը,— այդպես էլ պետք է լինի, իսկ իշխանը միանգամից կհավատա և ամենևին չի զարմանա։
 
— Լսո՞ւմ ես, իշխան,— դեպի նա շրջվեց Լիզավետա Պրոկոֆևնան,— լսո՞ւմ ես։
 
Բոլորը ծիծաղում էին։ Լեբեդևն իրար անցած առաջ էր ընկնում և պտույտ էր գալիս ուղղակի Լիզավետա Պրոկոֆևնայի առջև։
 
— Նա ասում է, որ ահա այս կոտրատվանը՝ քո տանտերն է ուղղել... այն պարոնի հոդվածը, այ որ քիչ առաջ քո մասին կարդացին։
 
Իշխանը զարմանքով նայեց Լեբեդևին։
 
— Ի՞նչ ես լռել,— նույնիսկ ոտքը դոփեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 
— Ի՞նչ ասեմ,— քրթմնջաց իշխանը,— շարունակելով ուշադիր դիտել Լեբեդևին,— ես արդեն տեսնում եմ, որ նա է ուղղել։
 
— Ճի՞շտ է,— արագ շրջվեց Լիզավետա Պրոկոֆևնան դեպի Լեբեդևը։
 
— Միանգամայն ճիշտ, ձերդ գերազանցություն,— հաստատ ու անվարան պատասխանեց Լեբեդևը, ձեռքը սրտին դնելով։
 
— Կարծես պարծենում էլ է,― քիչ մնաց աթոռից վեր թռչեր Լիզավետա Պրոկոֆևնան։
 
— Ստոր եմ, ստոր եմ,— մրթմրթաց Լեբեդևը, կուրծքը ծեծելով և ավելի ու ավելի ցած կախելով գլուխը։
 
— Ինձ ի՞նչ, որ ստոր ես։ Նա կարծում է, որ եթե ասի՝ ստոր եմ, դրանով դուրս կպրծնի։ Եվ ամոթ չէ՞ քեզ, իշխան, այսպիսի մարդուկների հետ գործ ունենալ, մի անգամ էլ եմ ասում։ Երբեք չեմ ների քեզ։
 
— Ինձ կների իշխանը,— համոզված ու սրտաշարժված ասաց Լեբեդևը։
 
— Սոսկ ազնվությունից,— բարձր ու զրնգուն հանկարծ խոսել սկսեց Կելլերը՝ մոտ թռչելով և դիմելով ուղղակի Լիզավետա Պրոկոֆևնային,— սոսկ ազնվությունից, տիկին, և որպեսզի չմատնեմ անվանարկված բարեկամիս, ես քիչ առաջ թաքցրեցի ուղղումների մասին, չնայած որ հենց ինքն էր առաջարկում մեզ վռնդել, ինչպես ինքներդ բարեհաճեցիք լսել։ Ճշմարտությունը վերականգնելու համար խոստովանում եմ, որ ես ինքս դիմել եմ նրան, որպես տեղյակ մարդու, վեց ռուբլով, բայց բոլորովին ոչ ոճի, այլ իսկն ասած, մեծ մասամբ, ինձ անհայտ փաստերն իմանալու համար։ Շտիբլետների մասին, շվեյցարացի պրոֆեսորի մոտ եղած ժամանակ նրա ախորժակի մասին, հիսուն ռուբլու մասին երկու հարյուր հիսունի փոխարեն, մի խոսքով, այդ ամբողջ խմբավորումը, այդ ամենը պատկանում է նրան, վեց ռուբլու դիմաց, բայց ոճը չեն ուղղել։
 
— Ես պետք է նկատեմ,— տենդոտ անհամբերությամբ և մի տեսակ սողուն տոնով ընդհատեց նրան Լեբեդևը, ավելի ու ավելի տարածվող ծիծաղի ներքո,— որ ես ուղղել եմ հոդվածի միայն առաջին մասը, բայց քանի որ մեջտեղում համաձայնության չեկանք և մի մտքի առթիվ գժտվեցինք, ապա ես երկրորդ կեսը այլևս չուղղեցի, այնպես որ, այնտեղ ինչ որ անգրագետ է (իսկ այնտեղ անգրագետ է), այդ ինձ չպետք է վերագրել։
 
— Այ թե ինչի մասին է հոգում նա,— բացականչեց Լիզավետա Պրոկոֆևնան։ .
 
— Թույլ տվեք հարցնել,— դիմեց Եվգենի Պավլովիչը Կելլերին,— ե՞րբ եք ուղղել հոդվածը։
 
— Երեկ առավոտյան,— միապաղաղ ու անարտահայտիչ ասաց Կելլերը,— մենք տեսակցություն ունեցանք, ազնիվ խոսք տալով իրար՝ գաղտնիքը պահել երկու կողմից էլ։
 
— Այսինքն՝ այն ժամանակ, երբ նա սողում էր քո առաջ և քեզ համոզում իր անձնվիրությունը։ Ա՜յ թե մարդուկներ են։ Ինձ պետք չի քո Պուշկինը, և աղջիկդ էլ թող ինձ մոտ չերևա։
 
Լիզավետա Պրոկոֆևնան ուզեց վեր կենալ, բայց հանկարծ գրգռված դիմեց ծիծաղող Իպոլիտին։
 
— Ի՞նչ է, սիրելիս, մտքումդ դրել էիր ինձ ծաղրի առարկա՞ դարձնել այստեղ։
 
— Աստվա՜ծ չանի,— ծուռ ժպտաց Իպոլիտը,— բայց ինձ ամենից ավելի զարմացնում է ձեր արտակարգ տարօրինակությունը, Լիզավետա Պրոկոֆևնա. խոստովանում եմ, ես դիտմամբ խոսք բացեցի Լեբեդևի մասին, ես գիտեի, թե ինչպես կազդի ձեզ վրա, միայն ձեզ վրա, որովհետև իշխանն իրոք կների և հավանաբար արդեն ներել է... նույնիսկ, գուցե, մտքում ներումն է գտել. ախր այդպես է, ճիշտ չէ՞, իշխան։
 
Նա շնչահեղձ էր լինում, նրա տարօրինակ հուզմունքն աճում էր արտասանած ամեն մի բառի հետ։
 
— Հետո՞,— ցասկոտ ասաց Լիզավետա Պրոկոֆևնան, զարմանալով նրա խոսելաձևից,— հետո՞։
 
— Ձեր մասին ես արդեն շատ եմ լսել, նույն ոգով․․․ մեծ ուրախությամբ․․․ սովորել եմ չափազանց հարգել ձեզ,— շարունակեց Իպոլիտը։
 
Նա ասում էր մի բան, բայց կարծես իր այդ խոսքերով ուզում էր բոլորովին այլ բան ասել։ Խոսում էր ծաղրի երանգով և միաժամանակ հուզվում էր չափից ավելի, կասկածամտորեն նայում շուրջը, ըստ երևույթին շփոթվում և իրեն կորցնում էր ամեն մի խոսքի հետ, այնպես որ այդ ամենը, նրա հյուծախտավոր տեսքի և տարօրինակ, փայլատակող և կարծես թե մոլեգնած հայացքի հետ, ակամա շարունակում էր իր վրա ուշադրություն գրավել։
 
— Ես կզարմանայի, ի դեպ, բոլորովին ծանոթ չլինելով բարձր հասարակությանը (ես այդ խոստովանում եմ), որ ոչ միայն դուք ինքներդ մնացիք մեր քիչ առաջվա կամպանիայի ներկայությամբ, որը ձեզ համար անվայելուչ էր, այլև թողիք այս... օրիորդներին ունկնդրելու մի խայտառակ գործի, չնայած նրանք արդեն ամեն ինչ կարդացել են վեպերում։ Ես, ասենք, գուցե և չգիտեմ... որովհետև շփոթվում եմ, բայց համենայն դեպս, բացի ձեզանից ո՞վ կարող էր մնալ... մի տղեկի խնդրանքով (այո, տղեկի, ես նորից խոստովանում եմ), նրա հետ երեկոն անցկացնելու և... ամեն ինչին մասնակից լինելու... որպեսզի հաջորդ օրը ամոթ զգա․․․ (ես, ասենք, համաձայն եմ, որ այնպես չեմ արտահայտվում), ես այդ ամենը չափազանց գովում և խորապես հարգում եմ, թեև արդեն նորին գերազանցության՝ ձեր ամուսնու միայն դեմքից երևում է, թե որքան տհաճ է այս ամենը նրա համար... Հի՛֊հի՛,— քրքջաց նա, բոլորովին խճճվելով, և հանկարծ սկսեց այնպես հազալ, որ մոտ երկու րոպե չէր կարողանում շարունակել խոսքը։
 
― Նույնիսկ շունչը կտրվեց,— սառն ու կտրուկ արտասանեց Լիզավետա Պրոկոֆևնան, խստաշունչ հետաքրքրությամբ դիտելով նրան.— գե, սիրելի տղեկ, հերիք է քեզ հետ։ Ժամանակն է։
 
— Թույլ տվեք ինձ, ողորմած պարոն, իմ կողմից նկատել ձեզ,— հանկարծ գրգռված խոսել սկսեց Իվան Ֆյոդորովիչը, որը կորցրել էր վերջին համբերությունը,— որ իմ կինը այստեղ մեր ընդհանուրի բարեկամ և հարևան իշխան Լև Նիկոլաևիչի տանն է գտնվում, և, որ, համենայն դեպս, երիտասարդ, դուք չէ, որ պիտի դատեք Լիզավետա Պրոկոֆևնայի արարքների մասին, ինչպես նաև բարձրաձայն և երեսիս ասեց, թե ինչ է արտահայտում իմ դեմքը։ Այո-ո։ Եվ եթե իմ կինը մնաց այստեղ,— շարունակում էր նա ավելի ու ավելի գրգովելով դրեթե ամեն մի խոսքից,— ապա ավելի շուտ, պարոն, զարմանքից և տարօրինակ երիտասարդներին տեսնելու բոլորի համար հասկանալի՝ ժամանակակից հետաքրքրասիրությունից։ Ես ինքս էլ մնացի, ինչպես երբեմն կանգ եմ առնում փողոցում, երբ տեսնում եմ որևէ բան, որին կարելի է նայել ինչպես... ինչպես... ինչպես...
 
— Ինչպես հազվագյուտ բանի,— հուշեց Եվգենի Պավլովիչը։
 
— Հիանալի է և ուղիղ,— ուրախացավ նորին գերազանցությունը, որը մի քիչ խճճվել էր համեմատության մեջ,— հենց ինչպես հազվագյուտ բանի։ Բայց համենայն դեպս ինձ համար ամենից զարմանալին և նույնիսկ վշտացնելին, եթե միայն քերականորեն կարելի է այսպես արտահայտվել, այն է, որ դուք, երիտասարդ, նույնիսկ այն չկարողացանք հասկանալ, որ Լիզավետա Պրոկոֆևնան հիմա ձեզ հետ մնաց նրա համար, որ դուք հիվանդ եք,— եթե միայն իրոք որ դուք մեռնում եք,— այսպես ասած, կարեկցությունից, ձեր խղճալի խոսքերի համար, պարոն, և որ ոչ մի կեղտ ոչ մի դեպքում չի կարող կպչել նրա անվանը, հատկություններին և ունեցած նշանակությանը․․․ Լիզավետա Պրոկոֆևնա,— եզրափակեց կարմրատակած գեներալը,— եթե ուզում ես գնալ, հրաժեշտ տանք մեր բարի իշխանին և․․․
 
— Շնորհակալ եմ ձեզնից դասի համար, գեներալ,— լուրջ և անսպասելի ընդմիջեց Իպոլիտը, մտախոհ նայելով նրան։
 
— Դե գնանք, maman, սա դեռ երկա՞ր պիտի տևի,— անհամբեր ու ցասկոտ արտասանեց Ագլայան, վեր կենալով աթոռից։
 
— Եվս երկու րոպե, սիրելի Իվան Ֆյողորովիչ, եթե թույլ կտաս,— արժանապատվությամբ շրջվեց դեպի ամուսինը Լիզավետա Պրոկոֆևնան,— ինձ թվում է, նա ամբողջովին տենդի մեջ է և ուղղակի զառանցում է. ես դրանում համոզված եմ, դատելով աչքերից, նրան այսպես թողնել չի կարելի։ Լև նիկոլաևիչ, կարո՞ղ է նա քեզ մոտ գիշերել, որպեսզի այսօր Պետերբուրգ քարշ չտային նրան։ Cher prince, դուք ձանձրանո՞ւմ եք,— չգիտես ինչու հանկարծ դիմեց նա իշխան Շչ֊ին։― Եկ այստեղ, Ալեքսանդրա, մազերդ ուղղիր, սիրելիս։
 
Նա ուղղեց աղջկա մազերը, որոնք ուղղելու կարիք չունեին, և համբուրեց նրան. հենց միայն դրա համար էր կանչել։
 
— Ես ձեզ համարում էի զարգացման ընդունակ...— նորից սկսեց խոսել Իպոլիտը, սթափվելով իր մտախոհությունից։— Հա, ահա թե ինչ էի ուզում ասել,― ուրախացավ նա, կարծես հանկարծ հիշելով,— ահա Բուրդովսկին անկեղծորեն ուզում է պաշտպանել իր մորը, ճիշտ չէ՞։ Բայց այնպես է ստացվում, որ հենց ինքն է խայտառակում։ Ահա իշխանն ուզում է օգնել Բուրդովսկուն, մաքուր սրտով նրան առաջարկում է իր քնքուշ բարեկամությունն ու դրամը և, թերևս, ձեր բոլորիդ մեջ միայն նա է, որ զզվանք չի զգում Բուրդովսկու նկատմամբ, և ահա հենց նրանք էլ իրար դեմ կանգնած են ինչպես իսկական թշնամիներ... Հա՛-հա՛-հա՛։ Դուք բոլորդ Բուրդովսկուն ատում եք նրա համար, որ նա, ձեր կարծիքով, մոր հետ վարվում է տգեղ և ոչ նրբավարի, այդպես է, չէ՞, այդպե՞ս է, այդպե՞ս է։ Ախր դուք բոլորդ անասելի սիրում եք ձևերի գեղեցկությունն ու նրբությունը, միայն դրանց եք պաշտպան կանգնում, ճիշտ չէ՞։ (Ես վաղուց էի կասկածում, որ միայն դրանց)։ Դե, իմացեք ուրեմն, որ թերևս ձեզանից ոչ մեկը այնպես չի սիրել իր մորը, ինչպես Բուրդովսկին։ Դուք, իշխան, ես գիտեմ, որ Գանեչկայի հետ թաքուն փող եք ուղարկել Բուրդովսկու մորը, և ահա, գրազ կգամ (հի՛֊հի՛֊հի՛,— հիստերիկորեն քրքջում էր նա), գրազ կգամ, որ հենց Բուրդովսկին էլ ձեզ կմեղադրի անքաղաքավարի ձևի և իր մոր նկատմամբ անհարգալից լինելու մեջ, աստված վկա, այդպես է, հա՜-հա՜-հա՜։
 
Այստեղ նա նորից շնչակտուր եղավ և սկսեց հազալ։
 
— Դե, պրծա՞ր։ Հիմա ամեն ինչ, ամեն ինչ ասացի՞ր։ Դե հիմա գնա քնելու, դու տենդ ունես,― անհամբերությամբ ընդհատեց Լիզավետա Պրոկոֆևնան, որը նրանից չէր կտրում իր անհանգիստ հայացքը։— Ախ, աստված։ Նա դեռ խոսում էլ է։
 
— Դուք կարծես ծիծաղո՞ւմ եք։ Ի՞նչ եք շարունակ ծիծաղում ինձ վրա։ Ես նկատեցի, որ դուք շարունակ ծիծաղո՞ւմ էիք ինձ վրա,— անհանգիստ ու գրգռված դիմեց նա հանկարծ Եվգենի Պավլովիչին. նա իրոք ծիծաղում էր։
 
— Ես միայն ուզում էի հարցնել ձեզ, պարոն... Իպոլիտ... ներեցեք, ես մոռացա ձեր ազգանունը։
 
— Պարոն Տերենտև,— ասաց իշխանը։
 
— Այո, Տերենտև, շնորհակալություն, իշխան, այն ժամանակ ասացիք, բայց մտքիցս թռավ... ես ուզում էի ձեզ հարցնել, պարոն Տերենտև, արդյոք ճի՞շտ եմ լսել, որ դուք այն կարծիքին եք, որ բավական է քառորդ ժամ լուսամուտի առաջ կանգնած խոսեք ժողովրդի հետ և նա իսկույն ամեն բանում համաձայն կլինի ձեզ հետ և անմիջապես կգն ձեր հետևից։
 
— Շատ հնարավոր է, որ ասել եմ․․․— պատասխանեց Իպոլիտը, կարծես ինչ֊որ բան մտաբերելով,— անպայման ասել եմ,— ավելացրեց նա հանկարծ, կրկին աշխուժանալով և հաստատուն նայելով Եվգենի Պավյովիչին,— դրանո՞վ ինչ։
 
― Ոչինչ, ես միայն ի գիտություն, որպեսզի լրացնեմ։
 
Եվգենի Պավլովիչը լռեց, բայց Իպոլիտը անհամբեր սպասումով դեռ շարունակում էր նրան նայել։
 
— Դե, վերջացրի՞ր, ինչ է,— դիմեց Լիզավետա Պրոկոֆևնան Եվգենի Պավլովիչին,— շուտ արա, վերջացրու, նրա քնելու ժամանակն է։ Թե՞ չես կարող։ (Նա սոսկալի զայրացած էր)։
 
— Ես, թերևս, շատ էլ դեմ չեմ ավելացնելու,— ժպտալով շարունակեց Եվգենի Պավլովիչը,— որ այն ամենը, ինչ լսեցի ձեր ընկերներից, պարոն Տերենտև, և այն ամենը, ինչ շարադրեցիք հիմա դուք, և այնպիսի աներկբա տաղանդով, իմ կարծիքով հանգում է իրավունքի հաղթանակման տեսությանը, ամենից առաջ և անկախ ամեն բանից, և նույնիսկ բացառելով մնացյալ ամեն ինչ, և գուցե նույնիսկ նախքան հետաքննելը, թե ինչումն է կայանում իրավունք ասածդ։ Գուցե ես սխալվո՞ւմ եմ։
 
— Իհարկե սխալվում եք, ես նույնիսկ չեմ հասկանում ձեզ... հետո՞։
 
Անկյունից նույնպես դժգոհություն լսվեց։ Լեբեդևի ազգականը կիսաձայն ինչ-որ բան փնթփնթաց։
 
— Դե համարյա ուրիշ ոչինչ,— շարունակեց եվգենի Պավլովիչը,— ես միայն ուզում եմ նկատել, որ դրանից բանը կարող է թռչել ուղղակի ուժի իրավունքին, այսինքն՝ առանձնակի բռունցքի ուժի իրավունքին և անձնական ցանկությանը, ինչով, ի դեպ, շատ հաճախ վերջացել է աշխարհում։ Պրուդոնը կանգ չառա՞վ ուժի իրավունքի վրա։ Ամերիկյան պատերազմի ժամանակ ամենաառաջավոր լիբերալներից շատ շատերը իրենց հայտարարեցին պլանտատորների կողմնակիցներ, այն իմաստով, որ նեգրը նեգր է, սպիտակ ցեղից ստոր, և, ուրեմն, նշանակում է, ուժի իրավունքը սպիտակինն է...
 
— Է՞։
 
— Այսինքն, նշանակում է, դուք չե՞ք ժխտում ուժի իրավունքը։
 
— Հետո՞։
 
— Դուք ուղղակի կոնսեքվենտ եք. ես կուզենայի միայն նշել, որ ուժի իրավունքից մինչև վագրերի և կոկորդիլոսների իրավունքը և նույնիսկ մինչև Դանիլովը և Գորսկին հեռու չէ։
 
— Չգիտեմ. հետո՞։
 
Իպոլիտը հազիվ էր լսում Եվգենի Պավլովիչին, որին եթե ասում էլ էր՝ ''է՞'' և ''հետո՞'', ապա, թվում է, ավելի շուտ խոսելիս առաջուց յուրացրած սովորության համաձայն, և ոչ թե ուշադրությունից և հետաքրքրությունից դրդված։
 
— Հետո՝ ոչինչ... այսքանը։
 
— Ասենք, ես ձեզնից չեմ նեղանում,— բոլորովին անսպասելի եզրակացրեց Իպոլիտը և, հազիվ թե գիտակցելով, ձեռքը պարզեց, նույնիսկ ժպտալով։ Եվգենի Պավլովիչը սկզբում զարմացավ, բայց ամենալուրջ տեսքով շոշափեց իրեն պարզած ձեռքը, կարծես թե ընդունելիս լիներ ներումը։
 
— Չեմ կարող չավելացնել,— ասաց նա նույն երկդիմի հարգալիր տոնով,— իմ շնորհակալությունն այն ուշադրության համար, որով ինձ թույլ տվիք խոսելու, որովհետև, համաձայն իմ բազմաթիվ դիտումների, մեր լիբերալը երբեք ի վիճակի չէ թույլ տալու, որ որևէ մեկը իր հատուկ համոզմունքն ունենա և չի կարող իր ընդդիմախոսին անմիջապես չպատասխանել հայհոյանքով կամ որևէ ավելի վատ բանով․․․
 
— Այդ դուք միանգամայն ճիշտ եք ասում,— նկատեց գեներալ Իվան Ֆյոդորովիչը և ձեռքերը մեջքին դարսելով, ամենաձանձրացած տեսքով պատշգամբից ետ քաշվեց դեպի ելքը, որտեղ զայրույթից նույնիսկ հորանջեց։
 
— Դե, բավական է, հերս,— հանկարծ հայտարարեց Եվգենի Պավլովիչին Լիզավետա Պրոկոֆևնան,— ձանձրացրիք ինձ...
 
— Ժամանակն է,— մտահոգ և գրեթե վախեցած տեղից վեր կացավ հանկարծ Իպոլիտը, շփոթված նայելով շուրջը․— ես ուզում էի ձեզ ասել ամեն ինչ․․․ ես կարծում էի, որ ամեն ինչ... վերջին անգամ․․․ դա ֆանտազիա էր...
 
Երևում էր, որ նա աշխուժանում էր պոռթկումներով, գրեթե իսկական զառանցանքից սթափվում էր հանկարծ, մի քանի ակնթարթ, լիակատար գիտակցությամբ հանկարծ մտաբերում ու խոսում էր, մեծ մասամբ գուցե հիվանդության երկարուձիգ, տաղտկալի ժամերին, մահճակալին պառկած, միայնության մեջ, անքնության պահերին վաղուց արդեն մտածած ու սերտած պարբերություններով։
 
— Դե, մնաք բարով,— կտրուկ ասաց նա հանկարծ։ — Կարծում եք, ինձ համար հե՞շտ է ձեզ մնաք բարով ասելը։ Հա՜֊հա՜,— սրտնեղած քմծիծաղ տվեց նա իր անհարմար հարցերից և հանկարծ, ասես զայրանալով, որ իրեն շարունակ չի հաջողվում ուզածն ասել, բարձրաձայն ու գրգռված ասաց,— Զերդ գերազանցությունւ Պատիվ ունեմ խնդրելու ձեզ, որ բարեհաճեք գալ իմ թաղմանը, եթե միայն կարժաացնեք այդ պատվին և... բոլորիդ, պարոնայք, գեներալի հետ...
 
Նա նորից ծիծաղեց, բայց դա արդեն խելագարի ծիծաղ էր։ Լիզավետա Պրոկոֆևնան վախեցած շարժվեց դեպի նա և բռնեց նրա ձեռքից։ Իպոլիտը նայում էր Լիզավետա Պրոկոֆևնային նույն ծիծաղով, որը, սակայն, արդեն չէր շարունակվում, այլ դադարել էր ու քարացել նրա դեմքին։
 
— Գիտե՞ք արդյոք, որ ես այստեղ եկա, որպեսզի ծառ տեսնեմ։ Ահա այս ծառերը... (նա ցույց տվեց պուրակի ծառերը)։ Դա հո ծիծաղելի չէ, հը՞։ Այստեղ ոչ մի ծիծաղելի բան չկա, այնպես չէ՞,— լրջորեն հարցրեց նա Լիզավետա Պրոկոֆևնային և հանկարծ մտքերի մեջ ընկավ․ հետո, մի վայրկյան անց, գլուխը բարձրացրեց և աչքերով հետաքրքրությամբ սկսեց որոնել ամբոխի մեջ։ Նա որոնում էր Եվգենի Պավլովիչին, որ կանգնած էր շատ մոտիկ, աջ կողմում, նույն տեղում, ինչպես առաջ, բայց Իպոլիտն արդեն մոռացել էր և որոնում էր չորս կողմում։— Ա՜, դուք չեք, գնացել,— վերջապես զտավ նրան,— դուք քիչ առաջ շարունակ ծիծաղում էիք, որ ես լուսամուտի առաջ կանգնած ուզում էի քառորդ ժամ խոսել... Իսկ գիտե՞ք, որ ես տասնութ տարեկան չեմ, ես այնքան եմ պառկել այդ բարձին, և այնքան եմ դուրս նայել այդ լուսամատից, և այնքան եմ մտածել բոլորի մասին... որ․․․ Մեռելը տարիք չի ունենում, դուք գիտեք։ Ես դեռ անցյալ շաբաթ մտածեցի այդ մասին, երբ գիշերն արթնացա․․․ իսկ գիտե՞ք, թե ամենից ավելի ինչից եք վախենում դուք, թեպետև արհամարհում եք մեզ։ Ես դա նույնպես, հենց այն ժամանակ բարձին պառկած մտածեցի գիշերը․․․ Դուք կարծում եք, թե քիչ առաջ ես ուզում էի ծիծաղե՞լ ձեզ վրա։ Լիզավետա Պրոկոֆևնա։ Ոչ, ես չէի ծիծաղում ձեզ վրա, ես միայն գովել էի ուզում․․․ Կոլյան ասում էր, որ իշխանը ձեզ մանուկ է անվանել... դա լավ է... Հա, էն ի՞նչ էր․․․ մի մի բան էի ուզում ասել․․․
 
Նա դեմքը ծածկեց ձեռքերով և մտասուզվեց։
 
― Ահա թե ինչ, երբ քիչ առաջ հրաժեշտ էի տալիս, հանկարծ մտածեցի․ ահա այս մարդիկ, և էլ երբեք նրանք չեն լինի, էլ երբեք։ Եվ ձառերը նույնպես, միայն աղյուսե պատը կլինի, կարմիր, Մեյերի տան պատը․․․ իմ լուսամուտի դիմաց... դե, հապա ասա նրանց այդ մասին․․․ փորձիր, ասա․ ահա գեղեցկուհին... չէ՞ որ դու մեռած ես, քեզ ներկայացրու իբրև մեռել, ասա, որ «մեռելին թույլատրելի է ամեն ինչ ասել»․․․ և որ իշխանուհի Մարիա Ալեքսևնան չի բարկանա, հա՜֊հա՜։— Դուք հո չե՞ք ծիծաղում,— թերահավատությամբ հայացքը հածեց նա շուրջը։— Իսկ գիտե՞ք, որ բարձի վրա շատ մտքեր են անցել գլխովս․․․ Գիտե՞ք, ես համոզվեցի, որ բնությունը շատ ծաղրասեր է․․․ Դուք քիչ առաջ ասացիք, որ ես աթեիստ եմ, բայց գիտե՞ք, որ դա բնությունն է․․․ էլի ինչո՞ւ եք ծիծաղում։ Դուք սարսափելի դաժան եք,— տխուր վրդովմունքով արտասանեց նա հանկարծ նայելով բոլորին,— ես Կոլյային չեմ փչացրել,— ավարտեց նա բոլորովին այլ եղանակով, լուրջ և համոզված, կարծես թե նույնպես հանկարծ հիշելով։
 
— Այստեղ ոչ ոք, ոչ ոք չի ծիծաղում քեզ վրա, հանդարտվիր,— գրեթե տանջվում էր Լիզավետա Պրոկոֆևնան,— վաղը նոր բժիշկ կգա, այն մյուսր սխալվել է։ Դե նստիր, ախր ոտքի վրա կանգնել չես կարող։ Զառանցում ես... Ախ, հիմա սրան ի՞նչ անեմ,— իրար էր անցել նա, Իպոլիտին նստեցնելով բազկաթոռին։ Մի արցունքի կաթիլ փայլեց նրա այտին։
 
Իպոլիտը կանգ առավ գրեթե շանթահար, ձեռքը բարձրացրեց, երկյուղածությամբ մեկնեց այն և դիպցրեց այդ արցունքի կաթիլին։ Նա ժպտաց ինչ-որ մանկական ժպիտով։
 
— Ես... ձեզ...— սկսեց խոսել նա խնդագին,— դուք չգիտեք, թե ես ձեզ ինչպես եմ․․․ նա միշտ այնպիսի հիացմունքով էր խոսում ձեր մասին, ահա սա, Կոլյան․․․ ես սիրում եմ նրա հիացմունքը։ Ես նրան չեմ փչացրել։ Ես հենց միայն նրան եմ թողնում... Ես ուզում էի բոլորին թողնել, բոլորին, բայց ոչ ոք չկար, չկար ոչ ոք։ Ես ուզում էի գործիչ լինել, ես իրավունք ունեի․․․ Օ, որքան շատ էի ուզում։ Ես հիմա ոչինչ չեմ ուզում, ոչինչ չեմ ուզում ուզել, ես ինձ այպիսի խոսք եմ տվել, որ այլևս ոչինչ չուզեմ. թող, թող առանց ինձ որոնեն ճշմարտությունը։ Այո, բնությունը ծաղրասեր է։ Ինչո՞ւ է նա,— հանկարծ ասաց նա եռանդով,— ինչո՞ւ է նա ստեղծում ամենալավ էակներին, որպեսզի հետո ձեռ առնի նրանց։ Չէ՞ որ նա այնպես արավ, որ միակ էակը, որին երկրի վրա ընդունեցին որպես կատարելություն... ախր այնպես արավ, որ, նրան ցույց տալով մարդկանց, հենց նրան էլ նշանակեց ասելու այն, հանուն ինչի այնքան արյուն թափվեց, որ եթե այդ ամբողջը թափվեր միանգամից, ապա հավանաբար մարդիկ կխեղդվեին։ Օ, լավ է, որ ես մեռնում եմ։ Երեի ես էլ մի սարսափելի սուտ կասեի, բնությունը այնպես կնենգեր... Ես ոչ ոքի չեմ փչացրել․․․ Ես ուզում էի ապրել բոլոր մարդկանց երջանկության համար, ճշմարտությունը հայտնագործելու և ազդարարելու համար․․․ Ես լուսամուտից նայում էի Մեյերի պատին և մտածում էի միայն քառորդ ժամ խոսել և բոլորին, բոլորին համոզել, բայց լոկ մի անգամ հանդիպեցի... ձեզ, եթե ոչ մարդկանց, և ահա ի՞նչ ստացվեց։ Ոչինչ։ Ստացվեց, որ դուք ինձ արհամարհում եք։ Նշանակում է՝ հարկավոր չեմ, նշանակում է՝ հիմար եմ, նշանակում է՝ ժամանակն է։ Եվ ախր ոչ մի հուշ չկարողացա թողնել։ Ոչ մի հնչյուն, ոչ մի հետք, ոչ մի գործ, չտարածեցի ոչ մի համոզմունք... Մի ծիծաղեք հիմարիս վրա։ Մոռացեք։ Մոռացեք բոլորդ... Մոռացեք, խնդրում եմ, այդքան դաժան մի եղեք։ Գիտե՞ք արդյոք, որ եթե այս թոքախտը չպատահեր, ես ինքս կսպանեի ինձ...
 
Նա կարծես դեռ շաա բան էր ուզում ասել, բայց չավարտեց, նետվեց բազկաթոռին, դեմքը ծածկեց ձեռքերով և լաց եղավ փոքրիկ երեխայի նման։
 
— Դե հիմա ի՞նչ կհրամայեք անել սրան,— բացականչեց Լիզավետա Պրոկոֆևնան, թռավ նրա մոտ, բռնեց նրա գլուխը և պինդ֊պինդ սեղմեց կրծքին։ Իպոլիտը հեկեկում էր ջղաձգաբար։— Դե-դե-դե։ Դե, մի լար, դե բավական է, դու բարի տղա ես, քեզ աստված կների քո անգիտության համար, դե, հերիք է, արի եղիր․․․ համ էլ հետո կամաչես...
 
— Ես այնտեղ,— ասում էր Իպոլիտը, ճգնելով գլուխը բարձրացնել,― ես այնտեղ եղբայր ու քույրեր ունեմ, փոքրիկ երեխաներ, խեղճ, անմեղ... ''Նա'' կփչացնի նրանց։ Դուք սուրբ եք, դուք... ինքներդ երեխա եք, փրկեցեք նրանց, պոկեցեք նրանց այդ․․․ կնոջից... նա... ամոթ... օ, օգնեցեք նրանց, օգնեցեք, աստված ձեզ հարյուրապատիկը կհատուցի, ի սեր աստծո, ի սեր Քրիստոսի...
 
— Դե վերջապես ասացեք, Իվան Ֆյոդորովիչ։ Հիմա ի՞նչ անենք,― գրգռված բղավեց Լիզավետա Պրոկոֆևնան,— շնորհ արեք, ընդհատեցեք ձեր վեհ լռությունը։ Եթե դուք չվճռեք, ապա թող հայտնի լինի ձեզ, որ ես ինքս եմ մնում այստեղ գիշերելու. բավական է, որքան բռնացել եք ինձ վրա ձեր ինքնիշխանությամբ։
 
Լիզավետա Պրոկոֆևնան հարցնում էր խանդավառված ու ցասկոտ և սպասում էր անհապաղ պատասխանի։ Բայց նման դեպքերում ներկաները, եթե նույնիսկ նրանք շատ են, մեծ մասամբ պատասխանում են լռությամբ, կրավորական հետաքրքրությամբ, չուզենալով ոչ մի բան վերցնել իրենց վրա և իրենց մտքերն արտահայտում են արդեն շատ ժամանակ անց։ Ներկաների թվում կային և այնպիսիները, որոնք պատրաստ էին այստեղ նստել թեկուզ մինչև առավոտ, առանց մի բառ արտասանելու. օրինակ, Վարվառա Արդալիոնովնան, որն ամբողջ երեկո նստել էր մեկուսի, լռում էր և ականջ դնում արտասովոր հետաքրքրությամբ, թերևս դրա համար ունենալով նաև իր պատճառները։
 
— Իմ կարծիքն այն է, բարեկամս,— արտահայտվեց գեներալը,— որ այստեղ հիմա հարկավոր է, այսպես ասած, ավելի շուտ, հիվանդապահ կին, քան մեր հուզմունքը, և, թերևս, բարեհույս, զգաստ մարդ գիշերվա համար։ Համենայն դեպս, հարցնել իշխանին և... անմիջապես հանգիստ տալ։ Իսկ վաղը կարելի է նորից մասնակից լինել։
 
— Հիմա ժամը տասներկուսն է, մենք գնում ենք։ Նա գալի՞ս է մեզ հետ, թե՞ մնում է ձեր տանը,— գրգռված ու բարկացած դիմեց Դոկտորենկոն իշխանին։
 
— Եթե ուզում եք, դուք էլ մնացեք նրա մոտ,— ասաց իշխանը,― տեղ կլինի։
 
— Ձերդ գերազանցություն,― անսպասելի և ոգևորված՝ գեներալի մոտ թռավ պարոն Կելլերը,— եթե գիշերը պահանջվում է գոհացուցիչ մարդ, ես պատրաստ եմ զոհաբերել ընկերոջս համար... դա մի այնպիսի՜ հոգի է։ Ես վաղուց արդեն նրան համարում եմ մեծ մարդ, ձե՛րդ գերազանցություն։ Ես, իհարկե, անփույթ եմ եղել կրթությանս նկատմամբ, բայց երբ նա քննադատում է, ախր դրանք մարգարիտնե՜ր, մարդարիտնե՜ր են թափվում, ձերդ գերազանցություն...
 
Գեներալը հուսաբեկ շրջվեց։
 
— Ես շատ ուրախ կլինեմ, եթե մնա. իհարկե, նրա համար դժվար է գնալը,— հայտարարում էր իշխանը ի պատասխան Լիզավետա Պրոկոֆևնայի գրգռված հարցերի։
 
— Դու քնա՞ծ ես, ինչ է։ Եթե չես ուզում, հերս, ես նրան ինձ մոտ կփոխադրեմ։ Տե՜ր աստված, ախր սա ինքն էլ հազիվ է ոտքի վրա կանգնում։ Հիվա՞նդ ես, ինչ է։
 
Այն ժամանակ Լիզավետա Պրոկոֆևնան, իշխանին չգտնելով մահվան մահճում, սաստիկ չափազանցրել էր նրա առողջական վիճակի բավարարությունը, դատելով արտաքին տեսքից, բայց նոր անցկացրած հիվանդությունը, դրան զուգակցվող ծանր հիշողությունները, հոգսաշատ երեկոյի հոգնությունը, «Պավլիշչևի որդու» դեպքը, Իպոլիտի հետ կապված հիմիկվա դեպքը, այդ բոլորը իրոք գրգռել էր իշխանի հիվանդ դյուրազգացությունը, նրան հասցնելով գրեթե տենդային վիճակի։ Բայց, բացի դրանից, նրա աչքերում հիմա էլի մի ուրիշ հոգս կար, նույնիսկ երկյուղ․ նա վախվխելով նայում էր Իպոլիտին, կարծես թե նրանից սպասելով էլի ինչ-որ բան։
 
Հանկարծ Իպոլիտը վեր կացավ սարսափելի գունատ և ահավոր, հուսահատության հասնող ամոթի արտահայտությունը աղավաղված դեմքին։ Դա գերազանցապես արտահայտվում էր ատելությամբ ու երկչոտությամբ ժողովվածներին նայող նրա հայացքում և թրթռացող շրթունքների վրա թափառող շփոթված, աղավաղված ու սողացող ժպիտում։ Նա անմիջապես աչքերը ցած թողեց ու երերալով և շարունակ նույն տեսակ ժպտալով ոտները քարշ տվեց դեպի Բուրդովսկին ու Դոկտորենկոն, որոնք կանգնած էին պատշգամբի ելքի մոտ. նա մեկնում էր նրանց հետ։
 
— Ահա հենց դրանից էի վախենում ես,— բացականչեց իշխանը։— Այդպես էլ պետք է լիներ։
 
Իպոլիտը արագ շրջվեց դեպի նա ամենակատաղի չարությամբ, և նրա դեմքի ամեն մի գիծը կարծես թրթռում էր ու խոսում։
 
— Ա՜, հենց դրանից էիք վախենում դուք։ «Այդպես էլ պետք է լինե՞ր» ձեր կարծիքով։ Գիտցեք, ուրեմն, որ եթե ես այստեղ ատում եմ որևէ մեկին,— գոչեց նա խռպոտ, ճղճղան, բերանից ցայտեր շաղ տալով (ես ձեզ բոլորիդ, բոլորիդ ատում եմ),— բայց ձեզ, ձեզ՝ ճիզվիտային, քաղցրումեղցր հոգի, ապուշ, միլիոնատեր-բարերար, ձեզ աշխարհում բոլորից և ամեն ինչից ավելի։ Ես ձեզ վաղուց եմ հասկացել և ատել, երբ լսել էի ձեր մասին. ես ձեզ ատել եմ հոգուս ամբողջ ատելությամբ... Այս բոլորը հիմա դո՛ւք արիք։ Այդ դո՛ւք հասցրիք ինձ նոպայի։ Մեռնողին դուք հասցրիք ամոթի աստիճանի դո՛ւք, դո՛ւք, դո՛ւք եք մեղավոր իմ ստոր փոքրոգության համար։ Ես ձեզ կսպանեի, եթե ողջ մնայի։ Հարկավոր չեն ինձ ձեր բարերարությունները, ոչ ոքից չեմ ընդունի, լսո՞ւմ եք, ոչ ոքից, ոչինչ։ Ես զառանցում էի, և դուք չհամարձակվեք հաղթանակ տոնել... Անիծում եմ ձեզ բոլորիդ առհավետ։
 
Այստեղ արդեն նա բոլորովին շնչասպառ եղավ։
 
— Իր արցունքներից ամաչեց,— շշնջաց Լեբեդևը Լիզավետա Պրոկոֆևնային,— «այդպես էլ պետք է լիներ»։ Ա՜յ քեզ իշխան։ Մինչև հոգու խորքը կարդաց...
 
Բայց Լիզավետա Պրոկոֆևնան նրան չարժանացրեց իր հայացքին։ Նա կանգնել էր հպարտորեն շիտկված, գլուխը ետ գցած և արհամարհալից հետաքրքրությամբ դիտում էր «այդ մարդուկներին»։ Երբ Իպոլիտը վերջացրեց, գեներալը ուսերը վեր քաշեց. Լիզավետա Պրոկոֆևնան ցասումնալից չափեց նրան ոտից մինչև գլուխ, կարծես թե նրանից հաշիվ պահանջելով այդ շարժման համար, և անմիջապես շուռ եկավ դեպի իշխանը։
 
— Շնորհակալություն, ձեզ, իշխան, մեր տան էքսցենտրիկ բարեկամ, այս հաճելի երեկոյի համար, որ մեզ բոլորիս տրամադրեցիք։ Ով գիտե, ձեր սիրտն ուրախանում է հիմա, որ ձեզ հաջողվեց մեզ էլ կրել ձեր հիմարություններին․․․ Բավական է, տան սիրելի բարեկամ, որ գոնե, վերջապես, հնարավորություն տվիք մի լավ տեսնելու ձեզ...
 
Նա վրդովմունքով սկսեց շտկել իր ժանեկավոր թիկնոցը, սպասելով, թե երբ պետք է ճամփա ընկնեն «նրանք»։ Այդ րոպեին «նրանց» մոտեցավ մի քառանիվ թեթև սայլակ, որի հետևից դեռ քառորդ ժամ առաջ Դոկտորենկոն կարդադրել էր ուղարկել Լեբեդևի աղային՝ գիմնազիստին։ Գեներալը կնոջից անմիջապես հետո իր խոսքը վրա բերեց.
 
— Ճիշտ որ, իշխան, ես նույնիսկ չէի սպասում... այն ամենից հետո... բոլոր բարեկամական հարաբերություններից հետո... և, վերջապես, Լիզավետա Պրոկոֆևնան...
 
— Դե ինչպե՞ս, դե ինչպե՞ս կարելի է այդ,— բացականչեց Ադելաիդան, արագ մոտեցավ իշխանին և ձեռքը մեկնեց նրան։
 
Իշխանը ինքն իրեն կորցրած տեսքով ժպտաց Ադելաիդային։
 
Հանկարծ մի տաք, արագ շշուկ կարծես թե այրեց իշխանի ականջը։
 
— Եթե անմիջապես չթողնեք այդ նողկալի մարդկանց, ապա ես ամբողջ կյանքումս, ամբողջ կյաքնումս կատեմ ձեզ,— շշնշաց Ագլայան. նա կարծես մոլեգնած էր, բայց առաջ քան իշխանը հասցրեց նրան նայել, նա շուռ եկավ։ Ասենք, իշխանին արդեն ոչինչ և ոչ ոքի չէր մնում թողնել, մինչ այդ արդեն հասցրել էին հիվանդ Իպոլիտին մի կերպ նստեցնել սայլակ, որը հեռացել էր։
 
— Ինչ է, սա երկա՞ր պիտի շարունակվի, Իվան Ֆյոդորովիչ։ Ի՞նչ եք կարծում։ Ես շա՞տ եմ հանդուրժելու այդ չարասիրտ անպիտան տղաներին։
 
— Դե ես, բարեկամս... ես, հասկանալի է, պատրաստ եմ և... իշխան...
 
Իվան Ֆյոդորովիչը, այնուհանդերձ, ձեռքը պարզեց իշխանին, բայց չհասցրեց սեղմել և վազեց Լիզավետա Պրոկոֆևնայի հետևից, որն աղմկալի ու զայրույթով ցած էր իջնում աստիճաններից։ Ադելաիդան, նրա փեսացուն և Ալեքսանդրան անկեղծորեն հրաժեշտ տվին իշխանին։ Եվգենի Պավլովիչը նույն թվում էր և միայն նա էր զվարթ։
 
— Եղավ այնպես, ինչպես կարծում էի։ Միայն ափսոս, որ դուք էլ, իմ խեղճ, այստեղ տուժեցիք,— շշնջաց նա ամենաանուշիկ ժպիտով։
 
Ագլայան գնաց առանց հրաժեշտ տալու։
 
Բայց այդ երեկոյի արկածները դեռ դրանով չվերջացան։ Լիզավետա Պրոկոֆևնան ստիպված եղավ հանդուրժելու ևս մի չափազանց անսպասելի հանդիպում։
 
Նա դեռ չէր հասցրել ոտքը սանդուղքից դնել ճանապարհը (որը օղակում էր պուրակը), երբ հանկարծ երկու սպիտակ ձի լծած մի շքեղ կառք սլացավ իշխանի ամառանոցի մոտով։ Կառքի մեջ նստած էին երկու փառահեղ տիկին։ Բայց դեռ տասը քայլ չանցած, կառքը հանկարծ կանգ առավ։ Տիկիններից մեկը արագ շուռ եկավ, կարծես հանկարծ տեսնելով իրեն անհրաժեշտ ինչ-որ ծանոթի։
 
— Եվգենի Պա՜վլիչ։ Այդ դո՞ւ ես,— կանչեց հանկարծ մի զրնգուն, սքանչելի ձայն, որից իշխանը ցնցվեց և, թերևս, էլի որևէ մեկը,— դե, ինչպես ուրախ եմ, որ վերջապես գտա։ Ես քո հետևից հատուկ սուրհանդակ եմ ուղարկել քաղաք, երկու հոգի։ Ամբողջ օրը քեզ են փնտրում։
 
Եվգենի Պավլովիչը կանգնել էր սանդուղքի աստիճանին ինչպես շանթահար։ Լիզավետա Պրոկոֆևնան նույնպես կանգնեց իր տեղում, բայց ոչ սարսափած ու քարացած, ինչպես Եվգենի Պավլովիչը։ Նա հանդուգն կնոջը նայեց նույնպես հպարտ և նույնպիսի սառն արհամարհանքով, ինչպես հինգ րոպե առաջ նայում էր «մարդուկներին», և անմիջապես իր սևեռուն հայացքը փոխադրեց Եվգենի Պավլովիչի վրա։
 
— Նորությո՜ւն,— շարունակում էր զրնգուն ձայնը,— Կուպֆերի մուրհակներից մի վախենա։ Ռոգոժինը գնեց երեսունով, ես համոզեցի։ Կարող ես հանգիստ լինել գոնե մի երեք ամիս։ Իսկ Բիսկուպից և այդ ամբողջ աղտեղությունից հավանաբար գլուխ կհանենք ծանոթության միջոցով։ Ահա ուրեմն, նշանակում է, ամեն ինչ բարեհաջող է։ Ուրախ լեր։ Մինչև վա՜ղը։
 
Կառքը շարժվեց ու արագ չքացավ։
 
— Դա խելագար է,— վերջապես բացականչեց Եվգենի Պավլովիչը, զայրույթից շառագունած և տարակուսանքով շուրջը նայեց,— ես ոչինչ չգիտեմ, այդ ինչ էր ասում։ Ի՞նչ մուրհակներ։ Ո՞վ է նա։
 
Լիզավետա Պրոկոֆևնան դեռ շարունակում էր նրան նայել մի երկու վայրկյան ևս. վերջապես արագ ու կտրուկ ուղղվեց դեպի իր ամառանոցը, իսկ նրա հետևից բոլորը։ Ուղիղ մի րոպե անց իշխանի պատշգամբը վերադարձավ Եվգենի Պավլովիչը արտակարգ հուզվաձ։
 
— Իշխան, ճշմարի՞տ դուք չգիտեք, թե ինչ է նշանակում սա։
 
— Ոչինչ չգիտեմ,— պատասխանեց իշխանը, որ գտնվում էր արտասովոր հիվանդագին լարման մեջ։
 
― Ո՞չ։
 
— Ոչ։
 
— Ես էլ չգիտեմ,— հանկարծ ծիծաղեց Եվգենի Պավլովիչը։― Աստված վկա, ոչ մի առնչություն չունեմ այդ մուրհակների հետ, հավատո՞ւմ եք ազնիվ խոսքին... Բայց ի՞նչ է կատարվում ձեզ հետ, դուք ուշագնա՞ց եք լինում։
 
— Օ, ոչ, ոչ, հավատացնում եմ ձեզ, ոչ...
 
 
=== XI ===
 
Եպանչինները միայն երրորդ օրը լիովին գթասրտվեցին։ Իշխանը թեև սովորականի պես իրեն մեղադրեց շատ բանում, և անկեղծորեն սպասում էր պատժի, բայց և այնպես. սկզբում նա լիովին համոզված էր, որ Լիզավետա Պրոկոֆևնան չէր կարող նրա վրա լրջորեն բարկանալ, այլ ավելի շատ զայրացել էր իր իսկ վրա։ Այսպիսով, թշնամանքի այդպիսի երկարատև ժամկետը իշխանին երրորդ օրը դրեց ամենամռայլ փակուղի։ Այլ հանգամանքներ էլ նրան փակուղի դրին, բայց նրանցից մեկը` գերազանցորեն։ Երեք օր շարունակ դա պրոգրեսիվորեն աճում էր իշխանի կասկածամտության մեջ (իսկ իշխանը վերջին ժամանակներս իրեն մեղադրում էր երկու ծայրահեղության՝ իր արտասովոր «անիմաստ ու աներես» դյուրահավատության և միաժամանակ «մռայլ, ստոր» կասկածամտության մեջ)։ Մի խոսքով, երրորդ օրվա վերջում կառքից Եվգենի Պավլովիչի հետ խոսող էքսցենտրիկ տիկնոջ արկածը իշխանի ուղեղում սարսափեցնող և խորհրդավոր չափեր ընդունեց։ Հանելուկի էությունը, բացի գործի այլ կողմերից, իշխանի համար այն ցավալի հարցն էր, թե արդյոք հենց ի՞նքն է մեղավոր այդ նոր «հրեշավորության» համար, թե՞ միայն․․․ Բայց նա մինչև վերջ չէր ասում, թե էլի ով։ Ինչ վերաբերում է Ն. Ֆ. Բ․ տառերին, ապա, նրա կարծիքով, այստեղ միայն անմեղ չարաճճիություն էր, նույնիսկ ամենամանկական չարաճճիություն, այնպես որ որևէ չափով դրա մասին մտահոգվելը ամոթ կլիներ և մի տեսակետից համարյա նույնիսկ անազնիվ։
 
Ասենք, հենց առաջին օրը այլանդակ «երեկույթից» հետո, որի անկարգություններում նա այնպիսի գլխավոր «պատճառ» էր, իշխանը առավոտյան իշխան Շչ֊ին և Ադելաիդային իր մոտ ընդունելու բավականությունն ունեցավ. «նրանք եկել էին ''գլխավորապես'' նրա համար, որ իմանային իշխանի առողջությունը», եկել էին երկուսով, զբոսանքից։ Ադելաիդան հիմա պուրակում նկատել էր մի ծառ, հրաշալի հինավուրց ծառ, ճյուղատարած, երկար, ծուռումուռ ոստերով, ամբողջովին թարմ սաղարթի մեջ կորած, փչակով ու ճեղքվածքով. նա որոշել է անպայման, անպայման նկարել այդ ծառը։ Այնպես որ իր այցելության ամբողջ կես ժամվա ընթացքում համարյա միայն այդ մասին էր խոսում։ Իշխան Շչ-ն ըստ սովորականի սիրալիր ու անուշ էր, իշխանին հարցնում էր առաջվա մասին, մտաբերում էր իրենց առաջին ծանոթության հանգամանքները, այնպես որ երեկվա մասին գրեթե ոչ մի խոսք էլ չէր ասված։ Վերջապես, Ադելաիդան չդիմացավ և, քմծիծաղ տալով խոստովանեց, որ իրենք եկել են incoցnito, սակայն խոստովանանքը հենց դրանով էլ վերջացավ, թեև այդ incognito֊ից արդեն կարելի էր եզրակացնել, որ ծնողները, այսինքն, գլխավորապես Լիզավետա Պրոկոֆևնան, ինչ-որ առանձնահատուկ վատ են տրամադրված։ Բայց ոչ նրա, ոչ Ագլայայի, ոչ նույնիսկ Իվան Ֆյոդորովիչի մասին Ադելաիդան և իշխան Շչ֊ն իրենց այցելության ընթացքում մի հատիկ բառ չարտասանեցին։ Նորից գնալով զբոսանքի, իշխանին չհրավիրեցին իրենց հետ գնալու։ Իսկ իրենց մոտ կանչելու մասին ակնարկ անգամ չեղավ. այդ առթիվ նույնիսկ մի շատ բնորոշ խոսք թռավ Ադելաիդայի բերանից․ խոսելով իր մի ջրաներկ նկարի մասին, նա հանկարծ շատ ուզեցավ ցույց տալ այդ։ «Ինչպե՞ս անենք, որ շուտ լինի։ Կացե՛ք։ Ես կամ այսօր Կոլյայի հետ կուղարկեմ, եթե գա, կամ վաղը ինքս, երբ իշխանի հետ նորից զբոսանքի դուրս գանք, կբերեմ» — եզրափակեց նա վերջապես իր տարակուսանքը, ուրախանալով, որ իրեն հաջողվեց այդպես ճարպիկ ու բոլորի համար հարմար լուծել այդ խնդիրը։
 
Վերջապես, արդեն համարյա հրաժեշտ տալիս, իշխան Շչ֊ն կարծես հանկարծ հիշեց.
 
— Ախ, հա,— հարցրեց նա,— գոնե դուք չգիտե՞ք, սիրելի Լև Նիկոլաևիչ, այն ինչ կին էր, որ երեկ երեկոյան կառքից բղավեց Եվգենի Պավլովիչին։
 
— Դա Նաստասյա Ֆիլիպովնան էր,— ասաց իշխանը,— մի՞թե դեռ չեք իմացել, որ այդ նա է։ Իսկ նրա հետինը չգիտեմ ով էր։
 
— Գիտեմ, լսել եմ,— վբա բերեց իշխան Շչ֊ն,— բայց ի՞նչ էր նշանակում այդ բացականչությունը։ Դա, խոստովանում եմ, այնպիսի հանելուկ է ինձ համար... ինձ համար և ուրիշների համար։
 
Իշխան Շչ-ն խոսում էր արտասովոր և ակնհայտ զարմանքով։
 
— Նա խոսում էր Եվգենի Պավլովիչի ինչ-որ մուրհակների մասին,— շատ պարզ պատասխանեց իշխանը,— որոնք Նաստասյա Ֆիլիպովնայի խնդրանքով ինչ-որ վաշխառուից ընկել են Ռոգոժինի ձեռքը, որը Եվգենի Պավլովիչին ժամանակ կտա։
 
— Լսեցի, լսեցի, իմ թանկագին իշխան, բայց ախր դա չէր կարող պատահել։ Այստեղ Եվգենի Պավլովիչի ոչ մի մուրհակ չէր կարող լինել։ Այդպիսի կարողություն ունենալով... ճիշտ է, առաջ նրան պատահում էր, թեթևամտությունից, և նույնիսկ ես նրան նեղ տեղից ազատում էի... այդպիսի կարողություն ունենալով մուրհակներ տալ վաշխառուին և անհանգստանալ դրանց համար՝ անհնարին է։ Եվ նա չի կարող ''դու''-ով խոսել և այդպիսի բարեկամական հարաբերությունների մեջ լինել Նաստասյա Ֆիլիպովնայի հետ,— ահա թե որն է գլխավոր խնդիրը։ Նա երգվում է, որ ոչինչ չի հասկանում, և ես լիովին հավատում եմ նրան։ Բայց բանն այն է, սիրելի իշխան, որ ես ուզում էի հարցնել ձեզ, գոնե դուք որևէ բան չգիտե՞ք։ Այսինքն, որևէ հրաշքով գոնե ձեզ լուր չի՞ հասել։
 
— Ոչ, ոչինչ չգիտեմ, և հավատացնում եմ ձեզ, որ ես դրան բոլորովին չեմ մասնակցել։
 
— Ախ, ինչպիսի՜ն եք դարձել, իշխան։ ես այսօր ուղղակի չեմ ճանաչում ձեզ։ Մի՞թե ես կարող էի կասկածել, թե դուք այդպիսի գործի մասնակից եք... Դե, այսօր ձեր տրամադրությունն ընկած է։
 
Նա գրկեց և համբուրեց իշխանին։
 
— Այսինքն՝ ինչպիսի՞ «այդպիսի» գործի մասնակից։ Ես ոչ մի «այդպիսի» գործ չեմ տեսնում։
 
— Անկասկած այդ անձնավորությունը ինչ֊որ ձևով և ինչ֊որ բանում ուզում էր խանգարել Եվգենի Պավլովիչին, վկաների աչքում նրան այնպիսի հատկություններ վերագրելով, որպիսիք նա չունի և չի կարող ունենալ,— պատասխանեց իշխան Շչ-ն բավական չոր։
 
Իշխան Լև Նիկոլաևիչը շփոթվեց, բայց, այնուամենայնիվ շարունակում էր սևեռուն ու հարցական նայել իշխանին. բայց նա լուռ մնաց։
 
― Եվ ո՞չ թե ուղղակի մուրհակներ։ Արդյոք տառացիորեն այդպես չէ՞, ինչպես երեկ ասաց,— մրթմրթաց վերջապես իշխանը ինչ-որ անհամբերությամբ։
 
— Բայց, ասում եմ ձեզ, ինքներդ դատեցեք, այստեղ ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել Եվգենի Պավչովիչի և... նրա մեջ, դեռ Ռոգոժինն էլ ավելացրած։ Կրկնում եմ ձեզ, հսկայական կարողություն ունի, որն ինձ ստույգ հայտնի է. մի այլ կարողություն էլ, որը սպասում է հորեղբորից։ Ուղղակի Նաստասյա Ֆիլիպովնան․․․
 
Իշխան Շչ-ն հանկարծ նորից լռեց, ըստ երևույթին նրա համար, որ չէր ուզում իշխանի մոտ շարունակել Նաստասյա Ֆիլիպովնայի մասին։
 
— Նշանակում է, համենայն դեպս, Նաստասյա Ֆիլիպովնան նրան ծանո՞թ է,― հանկարծ հարցրեց իշխան Լև Նիկոլաևիչը, մի րոպե լռելուց հետո։
 
— Այդ մեկը կարծես թե եղել է․ թեթևսոլիկ է։ Բայց, համենայն դեպս, եթե եղել է, ապա շատ վաղուց, դեռ առաջ, այսինքն՝ երկու֊երեք տարի։ Չէ՞ որ նա Տոցկու հետ էլ ծանոթ էր։ Իսկ հիմա այդ կարգի ոչ մի բան լինել չի կարող, իրար հետ ''դու''֊ով լինել նրանք երբեք չէին կարող։ Ինքներդ դիտեք, որ Նաստասյա Ֆիլիպովնան էլ ամբողջ ժամանակ այստեղ չէր․ ոչ մի տեղ չէր։ Շատերը դեռ չգիտեն էլ, որ նա նորից հայտնվել է։ Նրա կառքը ես նկատել եմ մի երեք օր առաջ, ոչ ավելի։
 
— Հիանալի՜ կառք է,— ասաց Ադելաիդան։
 
— Այո, կառքը հիանալի է։
 
Երկուսն էլ հեռացան, այնուամենայնիվ, ամենաբարեկամական, կարելի է ասել, ամենաեղբայրական տրամադրությամբ դեպի իշխան Լև Նիկոլաևիչը։
 
Իսկ մեր հերոսի համար այդ այցելությունը իր մեջ պարունակում էր նույնիսկ շատ կարևոր մի հանգամանք։ Ասենք, երեկ գիշերվանից սկսած (գուցե և ավելի առաջ), նա ինքն էլ շատ էր կասկածում, բայց մինչև նրանց այցելությունը չէր համարձակվում լիովին արդարացնել իր վախը։ Իսկ հիմա պարզ էր դառնում, իշխան Շչ֊ն, իհարկե, իրադարձությունը սխալ էր մեկնաբանում, բայց համենայն դեպս թափառում էր ճշմարտության շուրջը, համենայն դեպս, հասկացել էր, որ այստեղ ''ինտրիգա'' կա։ (Ասենք, նա ինքն իր մեջ գուցե բոլորովին ճիշտ է հասկանում,— մտածեց իշխանը,— միայն թե չի ուզում արտահայտվել, դրա համար էլ դիտմամբ սխալ է մեկնաբանում)։ Ամենից ակնհայտն այն էր, որ հիմա նրա մոտ գալիս էին (և հատկապես իշխան Շչ֊ն) որևէ պարզաբանումների հույսով. եթե այդպես է, ուրեմն նրան ուղղակի համարում են ինտրիգի մասնակից։ Բացի այդ, եթե այդ ամենը այդպես է և իրոք կարևոր է, ապա, նշանակում է, նա ինչ֊որ սարսափելի նպատակ ունի, բայց ի՞նչ նպատակ։ Սոսկալի՜ բան։ «Եվ ինչպե՞ս կասեցնես նրան։ Նրան կասեցնելու ոչ մի հնարավորություն չկա, երբ նա համոզված՝ է իր նպատակի ճշտությանը»։ Այդ արդեն իշխանը փորձով գիտեր։ «Խելագար է։ Խելագար»։
 
Բայց այդ առավոտ ուրիշ շատ, շատ անլուծելի հանգամանքներ էլ էին կուտակվել, և բոլորը միաժամանակ, և ամեն ինչ պահանջում էր անհապաղ լուծում, այնպես որ իշխանը շատ տխուր էր։ Նրա թախիծը մի քիչ փարատեց Վերա Լեբեդևան, որը նրա մոտ եկավ Լյուբոչկայի հետ, և, ծիծաղելով, երկար ինչ-որ բան էր պատմում։ Վերայի հետևից ներս մտավ նաև նրա՝ բերանը բաց քույրը, նրանց հետևից՝ Լեբեդևի գիմնազիստ որդին, որը հավատացնում էր, թե հավատո հանգանակի միջի «օշինդր աստղը», որը ընկել է երկիր ջրի աղբյուրների վրա, ըստ հոր մեկնաբանության Եվրոպայամ տարածված երկաթուղագծերի ցանցն է։ Իշխանը չհավատաց, որ Լեբեդևն այդպես է մեկնաբանում, որոշեցին հարցնել հենց Լեբեդևից, առաջին իսկ հարմար դեպքում։ Վերա Լեբեդևայից իշխանն իմացավ, որ երեկվանից Կելլերը քոչել֊եկել է նրանց մոտ և, բոլոր նշաններից երևում է, որ երկար ժամանակ նրանցից պոկ չի գա, որովհետև ընկեր է գտել և բարեկամաբար կապվել է գեներալ Իվոլգինի հետ։ Ասենք, նա հայտարարել է, թե նրանց մոտ մնում է լոկ նրա համար, որ կոմպլեկտավորի իր կրթությունը։ Ընդհանրապես Լեբեդևի երեխաները գնալով ավելի ու ավելի էին դուր գալիս իշխանին։ Կոլյան ամբողջ օրը չէր երևացել. նա վաղ առավոտվանից գնացել էր Պետերբուրգ։ (Լեբեդևն էլ լույսը չբացված գնացել էր իր ինչ-որ գործերով)։ Բայց իշխանն անհամբեր սպասում էր Գավրիլա Արդալիոնովիչին, որն անպայման հենց այսօր պետք է անցներ նրա մոտ։
 
Նա շնորհ բերեց կեսօրվա ժամը յոթին մոտ, ճաշից անմիջապես հետո։ Նրա վրա գցած առաջին հայացքից իշխանի մտքով անցավ, որ գոնե այս պարոնը պետք է ամբողջ ճշմարտությունը անսխալ իմանա. և ինչպե՞ս չիմանար, Վարվառա Արդալիոնովնայի և նրա ամուսնու պես օգնականներ ունենաչռվ։ Բայց Գանյայի հետ իշխանի հարաբերությունները միշտ ինչ-որ առանձնահատուկ էին։ Իշխանն, օրինակ, նրան վստահեց վարել Բուրդովսկու գործը և հատկապես խնդրեց նրան այդ մասին, բայց չնայած այդ վստահությանը և առաջ պատահած որոշ բաների, երկուսի միջև շարունակ մնում էին մի քանի կետեր, որոնց մասին կարծես փոխադարձաբար վճռած լինեին ոչինչ չխոսել։ Իշխանին երբեմն թվում էր, որ թերևս, Գանյան իր կողմից կուզենար ամենալիակատար ու բարեկամական անկեղծություն ցուցաբերել, օրինակ, հիմա, հենց որ նա ներս մտավ, իշխանին անմիջապես թվաց, թե Գանյան վերին աստիճանի համոզված է, որ հենց այս րոպեին հասել է բոլոր կետերում նրանց միջև եղած սառույցը կոտրելու ժամանակը։ (Սակայն Գավրիլա Արդալիոնովիչն շտապում էր. Լեբեդևի տանը նրան սպասում էր քույրը. նրանք երկուսն էլ շտապում էին ինչ֊որ գործով)։
 
Բայց եթե Գանյան իրոք սպասում էր մի ամբողջ շարք անհամբեր հարցերի, ակամա հաղորդումների, բարեկամական զեղումների, ապա, իհարկե, նա շատ սխալվեց։ Նրա այցելության ամբողջ քսան րոպեի ընթացքում իշխանը նույնիսկ շատ մտազբաղ էր, գրեթե մտացրիվ։ Սպասվող հարցեր կամ, լավ է ասել մի գլխավոր հարց, որ սպասում էր Գանյան, չէին կարող լինել։ Այն ժամանակ Գանյան որոշեց, որ ինքն էլ ավելի զուսպ կխոսի։ Նա, առանց լռելու, ամբողջ քսան րոպե պատմում էր, ծիծաղում, զբաղվում ամենաթեթև, հաճելի ու արագախոս շաղակրատությամբ, բայց գլխավոր հարցը չշոշափեց։
 
Գանյան ի միջի այլոց պատմեց, որ Նաստասյա Ֆիլիպովնան ընդամենը չորս օր է, ինչ այստեղ Պավլովսկում է և արդեն իր վրա է գրավում ընդհանուրի ուշադրությունը։ Նա ապրում է մի տեղ, ինչ-որ Մատրոսսկայա փողոցում, մի փոքրիկ, անճոռնի տան, Դարյա Ալեքսեևնայի մոտ, իսկ նրա կառքը համարյա առաջինն է Պավլովսկում։ Նրա շուրջը արդեն հավաքվել է ծեր ու ջահել արկածախնդիրների մի ամբողջ ամբոխ, երբեմն կառքն ուղեկցում են հեծյալներ։ Նաստասյա Ֆիլիպովնան, ինչպես և առաջ, շատ խստապահանջ է, իր մոտ գնալու թույլ է տալիս ընտրությամբ։ Բայց և այնպես նրա շուրջը մի ամբողջ խումբ է գոյացել, այնպես որ հարկ եղած դեպքում նրան պաշտպանող մարդ կճարվի։ Հովեկներից մի օրինական փեսացու նրա պատճառով արդեն գժտվել է իր հարսնացուի հետ. մի ծերուկ գեներալ համարյա անիծել է իր որդուն։ Նա հաճախ իր հետ կառքով զբոսնելու է վերցնում մի սքանչելի աղջկա, ընդամենը տասնվեց տարեկան, Դարյա Ալեքսեևնայի հեռավոր ազգականուհուն, այդ աղջիկը լավ է երգում, այնպես որ երեկոները նրանց տունը իր վրա ուշադրություն է հրավիրում։ Սակայն Նաստասյա Ֆիլիպովնան իրեն չափազանց կարգին է պահում, հագնվում է ոչ շքեղ, բայց արտասովոր ճաշակով, և բոլոր տիկնայք նրա «ճաշակին, գեղեցկությանն ու կառքին նախանձում են»։
 
— Երեկվա արտառոց դեպքը,— խոսք թռցրեց Գանյան,— իհարկե, կանխամտածված էր և, իհարկե, չպետք է հաշվի առնել։ Նրան որևէ բանում կշտամբելու համար պետք է դիտմամբ մի բան փնտրես կամ զրպարտես, որ, ի դեպ, չի հապաղի,— եզրափակեց Գանյան, որ սպասում էր, թե իշխանն անպայման կհարցնի. «Ինչո՞ւ է նա երեկվա դեպքը կանխամտածված դեպք համարում։ Եվ ինչո՞ւ չի հապաղի»։ Բայց իշխանը չհարցրեց դա։
 
Եվգենի Պավյովիչի մասին նույնպես Գանյան ծավալվեց ինքը, առանց հատուկ հարցուփորձի, որ շատ տարօրինակ էր, որովհետև նրան խոսակցության մեջ գցեց առանց որևէ առիթի, Գավրի ա Արդալիոնովիչի կարծիքով Եվգենի Պավլովիչը չէր ճանաչում Նաստասյա Ֆիլիպովնային, նա նրան հիմա էլ հազիվհազ է ճանաչում և հենց շնորհիվ այն բանի, որ մի չորս օր առաջ ինչ֊որ մեկը զբոսանքի ժամանակ նրան ներկայացրել էր Նաստասյա Ֆիլիպովնային, և հազիվ թե գեթ մի անգամ ուրիշների հետ նրա տանը եղած լինի։ Մուրհակների մասին ասածը նույնպես կարող էր ճիշտ լինել (դա Գանյան գիտի նույնիսկ հաստատ), Եվգենի Պավլովիչը, իհարկե, մեծ կարողություն ունի, «բայց կալվածքի որոշ գործեր գտնվում են որոշ անկարգության մեջ»։ Այդ հետաքրքիր նյութի վրա Գանյան հանկարծ խոսքը կտրեց։ Նաստասյա Ֆիլիպովնայի երեկվա արարքի մասին մի հատիկ խոսք չասաց, բացի վերև հարևանցի ասածից։ Վերջապես, Գանյայի հետևից մտավ Վարվառա Արդալիոնովնան, մնաց մի րոպե, հայտարարեց (որին նույնպես չէին խնդրել), որ Եվգենի Պավլովիչը այսօր կամ գուցե վաղը, կլինի Պետերբուրգում, որ իր ամուսինը (Իվան Պետրովիչ Պտիցինը) նույնպես Պետերբուրգում է, և գրեթե նույնպես Եվգենի Պավլովիչի գործերով, որ այնտեղ իրոք ինչ֊որ բան է եղել։ Գնալիս նա ավելացրեց, որ Լիզավետա Պրոկոֆևնան այսօր դժոխային տրամադրության մեջ է, բայց որ ամենից տարօրինակն է, Ագլայան գժտվել է ամբողջ ընտանիքի հետ, ոչ միայն հոր ու մոր, այլև նույնիսկ երկու քույրերի հետ, և որ դա բոլորովին լավ չէ»։ Կարծես հարևանցի հայտնելով այդ վերջին (իշխանի համար չափազանց նշանակալից) լուրը, քույր ու եղբայր հեռացան։ «Պավլիշչևի որդու» գործի մասին նույնպես Գանեչկան ոչ մի խոսք չասաց, գուցե կեղծ համեստությունից, գուցե «խնայելով իշխանի զգացմունքները», բայց իշխանը, համենայն դեպս, մի անգամ էլ շնորհակալություն հայտնեց նրան գործի ջանադիր ավարտման համար։
 
Իշխանը շատ ուրախ էր, որ վերջապես նրան մենակ թողին. նա ցած իջավ պատշգամբից, կտրեց անցավ ճանապարհը և մտավ զբոսայգին. նա ուզում էր կշռադատել և լուծել մի քայլ։ Բայց այդ «քայլը» նրանցից չէր, որոնք կշռադատվում են, այլ նրանցից, որոնք հենց չեն կշռադատվում, այլ որոնց ուղղակի դիմում են, նա հանկարծ սաստիկ ուզեց այս ամենը թողնել այստեղ և վերադառնալ այնտեղ, որտեղից եկել էր, որևէ հեռու, խուլ տեղ, մեկնել հենց հիմա և նույնիսկ առանց որևէ մեկին հրաժեշտ տալու։ Նա նախազգում էր, որ եթե գեթ մի քանի օր էլ այստեղ մնա, ապա անպայման անդառնալիորեն կներքաշվի այդ աշխարհը և առաջիկայում էլ հենց այդ աշխարհը նրան բաժին կընկնի։ Բայց նա տասը րոպե իսկ չխորհեց և անմիջապես վճռեց, որ փախչելն «անհնար» է, որ դա համարյա փոքրոգություն կլինի, որ իր առաջ այնպիսի խնդիրներ են կանգնած, որ չլուծելու կամ գոնե դրանք լուծելու համար բոլոր ուժերը չգործադրելու հիմա նույնիսկ ոչ մի իրավունք չունի։ Այդպիսի մտքերով նա վերադարձավ տուն, և հազիվ թե քառորդ ժամ զբոսնեց։ Նա այդ րոպեին լիովին դժբախտ էր։
 
Լեբեդևը դեռևս բացակայում էր անից, այնպես որ երեկոյան իշխանի մոտ կարողացավ խուժել Կելլերը, ոչ հարբած, բայց զեղումներով ու խոստովանություններով։ Նա ուղղակի հայտարարեց, որ եկել է իշխանին պատմելու իր ամբողջ կյանքը և հենց դրա համար էլ մնացել է Պավլովսկում. նրան վռնդելու ոչ մի հնարավորություն չկար, ոչ մի դեպքում չէր գնա։ Կելլերը պատրաստվեց խոսելու շատ երկար ու շատ անկանոն, բայց հանկարծ գրեթե առաջին իսկ խոսքերից թռավ եզրափակմանը և հայտարարեց, որ ինքն այն աստիճան է կորցրել «բարոյականության ամեն մի նշույլ» (լոկ ամենաբարձրյալին չհավատալուց), որ նույնիսկ գողություն է արել։— «Կարո՜ղ եք պատկերացնել այդ»։
 
— Լսեցեք, Կելլեր, ձեր տեղը լինեի, դա չէի խոստովանի առանց հատուկ պատճառի,— սկսեց իշխանը,— ասենք, դուք, գուցե դիտմամբ եք ձեզ ամբաստանում։
 
— Ձեզ, միմիայն ձեզ, և միմիայն նրա համար, որպեսզի օգնեմ զարգացմանս։ Ուրիշ ո՛չ ոքի. կմեռնեմ և պատանքիս տակ կտանեմ գաղտնիքս։ Բայց, իշխան, եթե իմանայիք, եթե միայն իմանայիք, թե մեր դարում որքա՜ն դժվար է փող ճարելը։ Որտեղի՞ց ճարես, թույլ տվեք ձեզ հարցնել դրանից հետո։ Մի պատասխան կա, «Ոսկի ու ադամանդներ բեր, դրանց դիմաց էլ կտանք», այսինքն՝ հենց այն, ինչ որ ես չունեմ, կարո՞ղ եք պատկերացնել։ Ես, վերջապես, բարկացա, կանգնեցի֊կանգնեցի, «Իսկ զմրուխտի դիմաց, ասում եմ, կտա՞ք»։— «Զմրուխտի դիմաց էլ, ասում է, կտամ»։— «Դե, հրաշալի է»,— ասում եմ, գլխարկս դնում ու դուրս գալիս․ ձեր գլուխը քարը, սրիկանե՜ր։ Աստվա՛ծ վկա։
 
— Իսկ մի՞թե դուք զմրուխտ ունեիք։
 
— Որտեղի՞ց։ Օ, իշխան, դեռ որքան պայծառ և անմեղ, նույնիսկ կարելի է ասել, հովվորեն եք նայում կյանքին։
 
Իշխանը, վերջապես, չէ թե խղճաց, այլ մի տեսակ, կարծես, անհարմար զգաց։ Նրա գլխով նույնիսկ մի միտք անցավ. «Արդյոք չի՞ կարելի որևէ մեկի լավ ազդեցությամբ այս մարդուց մի բան շինել»։ Իր սեփական ազդեցությունը, որոշ պատճառներով, նա համարում էր չափազանց ոչ պիտանի, ոչ թե ինքնանվաստացումից, այլ իրերի նկատմամբ որոշ առանձնահատուկ հայացք ունենալուց։ Կամաց֊կամաց նրանք զրույցի բռնվեցին, և այն աստիճան, որ չէին ուզում բաժանվել։ Կելլերն արտասովոր պատրաստակամությամբ այնպիսի բաներ էր խոստովանում, որ նույնիսկ չէր կարելի պատկերացնել, թե ինչպես կարելի է այդպիսի գործերի մասին պատմել։ Անցնելով ամեն մի պատմությանը, նա հաստատ հավատացնում էր, որ զղջում է և ներքուստ «լի է արցունքով», մինչդեռ այնպես էր պատմում, որ կարծես հպարտանում էր իր արարքով և միաժամանակ երբեմն այնքան ծիծաղաշարժ, որ նա ու իշխանը, վերջապես, հռհռում էին խելագարի նման։
 
— Գլխավորն այն է, որ ձեր մեջ ինչ֊որ մանկական դյուրահավատություն և արտասովոր շիտակություն կա,— վերջապես ասաց իշխանը,— արդյոք գիտե՞ք, որ հենց միայն դրանով շատ եք կաշառում։
 
— Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, ասպետորեն շնորհակալ եմ,― սրտաշարժված հաստատեց Կելլերը,— բայց գիտե՞ք, իշխան, ամեն ինչ միայն երազանքներում, և, այսպես ասած, երևակայական համարձակությամբ, իսկ գործնականում երբեք բան չի ստացվում։ Իսկ ինչո՞ւ է այդպես։ Չեմ կարող հասկանալ։
 
— Մի հուսահատվեք։ Հիմա հաստատ կարելի է ասել, որ ինձ ներկայացրիք ձեր ամենաթաքուն գաղտնիքները. համենայն դեպս ինձ թվում է, որ ձեր պատմածին այլևս ոչինչ չի կարելի ավելացնել, այնպես չէ՞։
 
― Չի՞ կարելի,— մի տեսակ ափսոսանքով բացականչեց Կելլերը,— օ, իշխան, դեռ ո՜ր աստիճան դուք, այսպես ասած, շվեյցարավարի եք հասկանում մարդուն։
 
— Մի՞թե էլի կարելի է ավելացնել,— վարանոտ զարմանքով արտասանեց իշխանը,― ուրեմն ինձնից ի՞նչ էիք սպասում, Կելլեր, ասացեք, խնդրեմ, և ինչո՞ւ եք եկել ձեր խոստովանությամբ հանդերձ։
 
— Ձեզնի՞ց։ Ինչ էի սպասո՞ւմ։ Նախ և առաջ լոկ հաճելի է տեսնել ձեր պարզասրտությունը. ձեզ հետ նստել ու խոսելը հաճելի է, ես գոնե գիտեմ, որ իմ առաջ ամենաառաքինի անձնավորություն է, իսկ երկրորդ․․․ երկրորդ...
 
Նա ծիծաղեց։
 
— Գուցե փո՞ղ էիք ուզում պարտք վերցնել,— հուշեց իշխանը շատ լուրջ ու հասարակ, նույնիսկ կարծես մի քիչ երկչոտ։
 
Կելլերը կարծես ցնցվեց. նա արագ, առաջվա պես զարմացած, նայեց իշխանի ուղիղ աչքերի մեջ և բռունցքն ամուր խփեց սեղանին։
 
— Դե, ահա հենց դրանով էլ դուք մարդուն վերջանականապես շշկլեցնում եք։ Ներեցեք, իշխան, մերթ այնպիսի պարզասրտություն, այնպիսի անմեղություն եք ցուցաբերում, որ նույնիսկ ոսկե դարում չի լսված, և հանկարծ միաժամանակ մարդու նետի պես ծակում անցնում եք դիտողականության այդպիսի խորագույն հոգեբանությամբ։ Բայց թույլ տվեք, իշխան, դա պահանջում է պարզաբանում, որովհետև ես... ես ուղղակի շշմած եմ։ Հասկանալի է, վերջ ի վերջո իմ նպատակն էր փող պարտք վերցնել, բայց փողի մասին դուք ինձ այն ձևով հարցրիք, կարծես դրանում դատապարտելի բան չեք գտնում, կարծես թե այդպես էլ պետք է լինի․․․
 
— Դե․․․ ձեր կողմից այդպես էլ պետք է լինի։
 
— Եվ զայրացած չե՞ք։
 
— Դե... ինչի՞ց։
 
— Լսեցեք, իշխան, ես երեկ իրիկվանից այստեղ մնացի, նախ և առաջ դեպի Ֆրանսիայի արքեպիսկոպոս Բուրդալուն ունեցած առանձնահատուկ հարգանքից (Լեբեդևի տանը մինչև ժամը երեքը շիշ էինք դատարկում), իսկ երկրորդ և գլխավորը (և ահա բոլոր խաչերով երդվում եմ, որ կատարյալ ճշմարտությունն եմ ասում), նրա համար մնացի, որ ուզում էի, այսպես ասած, ձեզ հայտնելով իմ սրտի լրիվ խոստովանանքը, դրանով իսկ նպաստել սեփական զարգացմանս. այդ մտքով էլ քնեցի չորսին մոտ, արցունքներ թափելով։ Հիմա հավատո՞ւմ եք արդյոք ազնվագույն անձնավորությանս, բուն այն րոպեին, որ քնում էի, անկեղծորեն լի ներքին և, այսպես ասած, արտաքին արցունքներով (որովհետև վերջապես հոնգուր-հոնգուր լաց էի լինում, ես դա հիշում եմ), մի դժոխային միտք անցավ գլխովս. «Իսկ ինչ, վերջ ի վերջո, խոստովանությունից հետո նրանից փող պարտք չվերցնե՞մ»։ Այդպիսով, ես խոստովանությունս պատրաստեցի ինչպես, այսպես ասած մի «ֆենեզերֆ արցանքի սոուսով», այն նպատակով, որ հենց այդ արցունքներով ճանապարհը փափկացնեմ և որպեսզի դուք, գթաշարժվելով, հարյուր հիսուն ռուբլին հաշվեք ու դնեք բուռս։ Ձեր կարծիքով սա ստորություն չէ՞։
 
— Բայց, երևի դա ճիշտ չէ, այլ ուղղակի համընկել է մեկը մյուսին։ Երկու միտք համընկել են իրար, դա շատ հաճախ է պատահում։ Ինձ անընդհատ պատահում է։ Ասենք, ես կարծում եմ, որ դա լավ չէ, և գիտե՞ք, Կելլեր, ես դրանում ամենից շատ ինձ եմ, կշտամբում։ Դուք հիմա կարծես իսկական իմ մասին պատմեցիք ինձ։ Ինձ նույնիսկ երբեմն պատահել է մտածել,— շարունակում էր իշխանը շատ լուրջ, անկեղծ ու խորապես հետաքրքրված,— որ բոլոր մարդիկ էլ այդպես են, այնպես որ ես նույնիսկ սկսեցի արդարացնել ինձ, որովհետև սարսափելի դժվար է պայքարել այդպիսի կրկնակի մտքերի դեմ. ես զգացել եմ։ Աստված գիտի, թե դրանք ինչպես են գալիս ու ծնվում։ Բայց ախր ահա դուք դա ուղղակի ստորություն եք անվանում։ Հիմա ես էլ նորից կսկսեմ վախենալ այդ մտքերից։ Համենայն դեպս ես ձեզ համար դատավոր չեմ։ Բայց և այնպես, իմ կարծիքով, չի կարելի դա ուղղակի ստորություն անվանել, ի՞նչ եք կարծում։ Դուք խորամանկեցիք, որպեսզի արցունքների միջոցով փող կորզեիք, բայց չէ՞ որ հենց ինքներդ երդվում եք, որ ձեր խոստովանությունը մի այլ, ազնիվ նպատակ էլ ուներ, և ոչ թե միայն դրամական, ինչ վերաբերում է փողին, ապա փողը ձեզ պետք է քեֆի համար, այնպես չէ՞։ Իսկ դա արդեն այդպիսի խոստովանությունից հետո, հասկանալի է, փոքրոգություն է։ Բայց նաև մարդ մի րոպեում ինչպե՞ս թողնի քեֆը։ Չէ՞ որ դա անհնար է։ Ի՞նչ անել, ուրեմն։ Ամենից լավ է թողնել ձեր սեփական խղճին, ի՞նչ եք կարծում։
 
Իշխանը արտակարգ հետաքրքրությամբ նայում էր Կելլերին։ Կրկնակի մտքերի հարցը ակնհայտորեն և վաղուց հետաքրքրում էր նրան։
 
— Դե, չեմ հասկանում, ինչո՞ւ են ձեզ դրանից հետո ապուշ անվանում,— բացականչեց Կելլերը։
 
Իշխանը թեթևակի շիկնեց։
 
— Քարոզիչ Բուրդալուն լիներ, չէր խնայի մարդուն, իսկ դուք խնայեցիք մարդուն և ինձ դատեցիք մարդավարի։ Ի պատիժ ինձ, և որպեսզի ցույց տամ, որ զգացված եմ, հարյուր հիսուն ռուբլի չեմ ուզում, ինձ միայն քսանհինգ ռուբլի տվեք, և բավական է։ Ահա ամենը, ինչ ինձ հարկավոր է առնվազն երկու շաբաթվա համար։ Երկու շաբաթից շուտ փող ուզելու չեմ գա։ Ուզում էի Ագաշկային մի քիչ զվարճացնել, բայց նա արժանի չէ դրան։ Օ, սիրելի իշխան, աստված օրհնի ձեզ։
 
Վերջապես ներս մտավ հենց նոր վերադարձած Լեբեդևը, և Կելլերի ձեռքին նկատելով քսանհինգռուբլիանոցը, խոժոռվեց։ Բայց Կելլերը փողի տեր դառնալով, արդեն շտապում էր դուրս և անմիջապես աննկատելի հեռացավ։ Լեբեդևն իսկույն սկսեց չարախոսել նրա մասին։
 
— Դուք արդարացի չեք, նա իրոք անկեղծորեն զղջում էր,― վերջապես նկատեց իշխանը։
 
— Բայց ախր զղջման մեջ ի՞նչ կա։ Ճիշտ և ճիշտ ինչպես երեկ ես․ «ստո՛ր եմ, ստո՛ր», բայց ախր լոկ խոսքեր են։
 
— Ուրեմն դուք լոկ խոսքե՞ր էիք ասում։ Իսկ ես կարծեցի...
 
— Դե, ձեզ, միմիայն ձեզ կհայտնեմ ճշմարտությունը, որովհետև դուք թափանցում եք մարդու մեջ. և խոսքերը, և գործը, և սուտը, և ճշմարտությունը, այս բոլորը իմ մեջ միասին է և միանգամայն անկեղծ։ Իմ մեջ ճշմարտությունն ու գործը կայանում են անկեղծ զղջման մեջ, իսկ խոսքերն ու սուտը կայանում են այն դժոխային (և միշտ հատուկ) մտքի մեջ, թե ինչպես լինի, որ այստեղ էլ որսամ մարդուն, ինչպես լինի, որ զղջման արցունքով էլ շահեմ։ Աստվա՛ծ վկա, այդպես է։ Ուրիշին չէի ասի. կծիծաղի կամ կթքի, բայց դուք, իշխան, դուք մարդավարի կդատեք։
 
— Ահա ճիշտ և ճիշտ նույնն էր ասում ինձ նա հիմա,— բացականչեց իշխանը,— և կարծես թե դուք երկուսդ էլ պարծենում եք։ Դուք նույնիսկ զարմացնում եք ինձ, միայն նա ձեզնից ավելի անկեղծ է, իսկ դուք իսկական արհեստ եք դարձրել։ Դե, բավական է, մի կնճռոտվեք, Լեբեդև, և ձեռներդ սրտիդ մի դրեք։ Որևէ բան չե՞ք ասի ինձ։ Դուք զուր տեղը ներս եկողը չեք․․․
 
Լեբեդևը սկսեց ծամածռվել և կուչուձիգ անել։
 
— Ես ամբողջ օրն սպասում էի ձեզ, որպեսզի մի հարց տայի, կյանքում գոնե մի անգամ առաջին խոսքից ճիշտ պատասխանեցեք․ որևէ չափով մասնակցե՞լ եք երեկվա այդ կառքին, թե ոչ։
 
Լեբեդևը նորից ծամածռվեց, սկսեց քրքջալ, ձեռքերն էր շփում, վերջապես, նույնիսկ, սկսեց փռշտալ, բայց դեռ սիրտ չէր անում որևէ բան ասել։
 
— Տեսնում եմ, որ մասնակցել եք։
 
— Բայց կողմնակի, միմիայն կողմնակի կերպով։ Կատարյալ ճշմարտությունն եմ ասում։ Միայն նրանով եմ մասնակցել, որ հայտնի անձնավորությանը Ժամանակին հայտնել եմ, որ ինձ մոտ այդպիսի կամպանիա է հավաքվել և, որ ներկա են որոշ անձնավորություններ։
 
— Ես գիտեմ, որ դուք ձեր որդուն ''այնտեղ'' եք ուղարկել, նա ինքն է քիչ առաջ ասել ինձ, բայց այդ ի՞նչ բանսարկություն է,— անհամբեր բացականչեց իշխանը։
 
— Իմ բանսարկությունը չէ, իմը չէ,— իրենից հեռացնում էր Լեբեդևը,― այստեղ ուրիշներն են, ուրիշները, և ավելի շուտ, այսպես ասած, երևակայություն է, քան բանսարկություն։
 
— Բայց բանն ի՞նչ է, բացատրեցեք, ի սեր Քրիստոսի։ Մի՞թե չեք հասկանում, որ դա ուղղակի ինձ է վերաբերում։ Չէ՞ որ այստեղ Եվգենի Պավլովիչին են սևացնում։
 
— Իշխա՜ն։ Ամենապայծառափա՜յլ իշխան,— նորից կուչուձիգ արեց Լեբեդևը,— ախր դուք թույլ չեք տալիս ասելու ամբողջ ճշմարտությունը, չէ՞ որ ես արդեն սկսել եմ ճշմարտությունն ասել. շատ անգամ եմ փորձել. դուք թույլ չեք տվել շարունակել...
 
Իշխանը փոքր-ինչ լռեց ու միտք արեց։
 
— Դե լավ, ասացեք ճշմարտությունը,― ծանր արտասանեց նա, ըստ երևույթին մեծ պայքարից հետո։
 
— Ագլայա Իվանովնան...— անմիջապես սկսեց Լեբեդևը։
 
— Լռեցեք, լռեցեք,— կատաղի գոչեց իշխանը, ամբողջովին կարմրելով զայրույթից, գուցե նաև ամոթից։— Դա չի կարող պատահել, այդ ամենը ցնդաբանություն է։ Այդ ամենը դուք ինքներդ եք հնարել կամ ձեզ նման խելագարները։ Եվ այլևս երբեք դա չլսեմ ձեզանից։
 
Ուշ երեկոյան, արդեն ժամը տասնմեկին մոտ հայտնվեց Կոլյան մի լիք տոպրակ լուրերով։ Նրա լուրերը երկակի էին․ պետերբուրգյան և պավլովսկյան։ Նա հապճեպ պատմեց պետերբուրգյան գլխավոր լուրերը (գերազանցապես՝ Իպոլիտի և երեկվա պատմության մասին), պայմանով, որ հետո նորից անդրադառնա դրանց և շուտով անցավ պավլովսկյան լուրերին։ Երեք ժամ առաջ նա վերադարձել էր Պետերբուրգից և, առանց իշխանի մոտ անցելու, գնացել էր ուղղակի Եպանչինների մոտ։ «Այնտեղ սարսափելի բան է»։ Հասկանալի է, առաջին պլանի վրա կառքն է, բայց հավանաբար այստեղ էլի ինչ-որ բան է պատահել, այնպիսի մի բան, որ Կոլյային ու իշխանին հայտնի չէ. «Հասկանալի է, ես լրտեսություն չէի անում և ոչ ոքի հարցաքննել չէի ուզում։ Ասենք, ինձ լավ ընդունեցին, որ ես նույնիսկ չէի սպասում. բայց ձեր մասին, իշխան, ո՛չ մի խո՜սք»։ Ամենագլխավորը և հետաքրքիրն այն է, որ Ագլայան նորերդ յուրայինների հետ գժտվել է Գանյայի համար։ Թե գործն ինչ մանրամասնություններ է ունեցել, հայտնի չէ, բայց թե Գանյայի համար է եղել (պատկերացրե՜ք դա), և նույնիսկ սարսափելի են կռվում, նշանակում է, ինչ-որ կարևոր բան է։ Գեներալն ուշ եկավ, եկավ խոժոռված, եկավ Եվգենի Պավլովիչի հետ, որին հրաշալի ընդունեցին, իսկ Եվգենի Պավլովիչն ինքը զարմանալի ուրախ և սիրալիր է։ Իսկ ամենահիմնավոր լուրն այն է, որ Լիզավետա Պրոկոֆևնան, առանց մի աղմուկի, իր մոտ է կանչել օրիորդների մոտ նստած Վարվառա Արդալիոնովնային և մեկընդմիշտ վռնդել է նրան տնից, ի դեպ, ամենաքաղաքավարի ձևով,― «Վարյայից, իրենից իմացա»։ Բայց երբ Վարյան դուրս է եկել, Լիզավետա Պրոկոֆևնայի մոտից և հրաժեշտ է ավել աղջիկներին, նրանք իսկի չեն էլ իմացել, որ Վարյային ընդմիշտ արգելել են իրենց տուն մտնել և որ նա վերջին հրաժեշտ է տալիս նրանց։
 
— Բայց Վարվառա Արդալիոնովնան ժամը յոթին ինձ մո՞տ էր,— զարմացած հարցրեց իշխանը։
 
— Իսկ նրան վռնդել են ժամը ութին մոտ կամ ութին։ ես շատ եմ խղճում Վարյային, խղճում եմ Գանյային․․․ նրանք, անկասկած, մշտական բանսարկություններ ունեն, առանց դրանց անհնար է։ Եվ երբեք չեմ կարողացել իմանալ, թե ինչ են նյութում, և չեմ ուզում իմանալ։ Բայց հավատացնում եմ ձեզ, իմ սիրելի, բարի իշխան, որ Գանյայի մեջ սիրտ կա։ Նա, իհարկե, շատ տեսակետներից կորած մարդ է, բայց շատ տեսակետներից նրա մեջ կան այնպիսի գծեր, որոնք արժե փնտրել գտնելու համար, և ես երբեք չեմ ների ինձ, որ առաջ նրան չէի հասկանում... Չգիտեմ, արդյոք շարունակե՞մ հիմա, Վարյայի պատմությունից հետո։ Ճիշտ է, սկզբից ևեթ բոլորովին անկախ և առանձին դիրքի վրա եմ դրել, բայց և այնպես, պետք է կշռադատել։
 
― Դուք զուր եք չափից ավելի խղճում ձեր եղբորը,— նկատեց իշխանը,— եթե բանն այդտեղ է հասել, նշանակում է Լիզավետա Պրոկոֆևնայի աչքում Գավրիլա Արգալիոնովիչը վտանգավոր է, ուրեմն նրա որոշ հույսերը հաստատվում են։
 
― Ինչպե՜ս, ինչ հույսեր,— զարմացած գոչեց Կոլյան,— հո չե՞ք կարծում, որ Ագլայան... դա չի կարող պատահել։
 
Իշխանը լռեց։
 
— Դուք սարսափելի սկեպտիկ եք, իշխան,— մի երկու րոպե անց ավելացրեց Կոլյան,— ես նկատում եմ, որ որոշ ժամանակից ի վեր դուք չափազանց սկեպտիկ եք դառնում, դուք սկսում եք ոչնչի չհավատալ և ամեն ինչ ենթադրել․․․ իսկ այս դեպքում ես ճի՞շտ գործածեցի «սկեպտիկ» բառը։
 
― Կարծում եմ, որ ճիշտ, թեև ինքս էլ հաստատ չգիտեմ։
 
— Բայց ես ինքս հրաժարվում եմ «սկեպտիկ» բառից, և նոր բացատրություն գտա,— բղավեց հանկարծ Կոլյան,— դուք ոչ թե սկեպտիկ եք, այլ խանդող։ Դուք դժոխային չափերով խանդում եք Գանյային դեպի հայտնի հպարտ մի օրիորդ։
 
Այդ ասելով, Կոլյան վեր թռավ և սկսեց հռհռալ այնպես ինչպես, նրան գուցե երբեք չէր հաջողվել ծիծաղել։ Տեսնելով, որ իշխանը ամբողջովին շիկնեց, Կոլյան ավելի սաստիկ ծիծաղեց, նրան շատ դուր եկավ այն միտքը, որ իշխանը խանդում է Ագլայային, բայց նա անմիջապես լռեց, նկատելով, որ իշխանն անկեղծորեն վշտացավ։ Ապա նրանք շատ լուրջ ու մտահոգված զրուցեցին ևս մեկ կամ մեկուկես ժամ։
 
Հաջորդ օրը մի անհետաձգելի գործով իշխանը ամբողջ առավոտն անցկացրեց Պետերբուրգում։ Կեսօրվա ժամը հինգին վերադառնալով Պավլովսկ, երկաթուղու կայարանում նա հանդիպեց Իվան Ֆյոդորովիչին։ Սա արագ բռնեց իշխանի ձեռքը, կարծես թե վախեցած նայեց շռւրջը, և իշխանին իր հետ քարշ տվեց առաջին կարգի վագոն, որպեսզի միասին գնան։ Նա այրվում էր ինչ֊որ կարևոր բանի մասին խոսելու ցանկությունից։
 
— Նախ և առաջ, սիրելի իշխան, մի բարկացիր ինձ վրա, և եթե իմ կողմից մի բան եղել է, մոռացիր։ Ես ինքս դեռ երեկ կանցնեի քեզ մոտ, բայց չգիտեի, թե դրան ինչպես կնայեր Լիզավետա Պրոկոֆևնան... Իմ տունը... ուղղակի գժոխք է, խորհրդավոր սֆինքս է մտել այնտեղ, իսկ ես շրջում եմ, ոչինչ չեմ հասկանում։ Ինչ վերաբերում է քեզ, ապա իմ կարծիքով դու մեր բոլորից ամենից քիչ ես մեղավոր, թեև, իհարկե, քո պատճառով շատ բան ստացվեց։ Գիտե՞ս ինչ, իշխան, ֆիլանտրոպ լինելը հաճելի է, բայց ոչ այնքան։ Երևի ինքդ արդեն ճաշակել ես պտուղները։ Ես, իհարկե, սիրում եմ բարությունը և հարգում եմ Լիզավետա Պրոկոֆևնային, բայց...
 
Գեներալը դեռ երկար շարունակում էր այդ ոգով, բայց նրա բառերը զարմանալի անկապ էին։ Երևում էր, որ նա չափազանց ցնցված ու շփոթված է իր համար ծայրահեղորեն անհասկանալի մի բանից։
 
— Ես կասկած չունեմ, որ գու այստեղ խառը չես,— վերջապես ավելի պարզ արտահայտվեց նա,— բայց միառժամանակ մեզ մի այցելիր, ընկերաբար խնդրում եմ քեզ, մինչև քամու ուղղությունը փոխվի։ Ինչ վերաբերում է Եվգենի Պավլովիչին,— բղավեց նա անսովոր եռանդով,— ապա այդ ամենը անմիտ զրպարտություն է, զրպարտություն զրպարտությանց։ Դա չարախոսություն է, այստեղ բանսարկություն է, ամեն ինչ քանդելու և մեզ գժտեցնելու ցանկություն։ Տեսնո՞ւմ ես, իշխան, ականջիդ եմ ասում, մեր և Եվգենի Պավլովիչի մեջ դեռ ոչ մի խոսք չի եղել, հասկանո՞ւմ ես։ Մենք ոչնչով կապված չենք, բայց այդ խոսքր կարող է ասվել, և նույնիսկ շուտով, և նույնիսկ, կարող է պատահել, շատ շուտով։ Ահա ուրեմն, որպեսզի վնասեն։ Իսկ թե ինչու, ինչ պատճառով՝ չեմ հասկանում։ Զարմանալի կին է, էքսցենտրիկ կին, նրանից այնքան եմ վախենում, որ հազիվ եմ քնում։ Եվ ի՜նչ կառք է, սպիտակ ձիեր, չէ՞ որ դա շիկ է, չէ՞ որ դա հենց այն է, ինչը ֆրանսերեն կոչվում է շի՜կ։ Այդ ո՞վ է նրան տվել։ Աստված վկա, մեղք գործեցի, երեք օր առաջ մտքովս անցկացրի, թե Եվգենի Պավլովիչը։ Բայց բանից դուրս է գալիս, որ չի էլ կարող պատահել, իսկ եթե չի կարող պատահել, ապա նա ինչո՞ւ է ուզում այստեղ խանգարել։ Ահա, ահա խնդիրը։ Որպեսզի իր մոտ պահի Եվգենի Պավլովիչի՞ն։ Բայց կրկնում եմ քեզ, ահա խաչը վկա, որ Եվգենի Պավլովիչը նրա հետ ծանոթ չէ և որ այդ մուրհակները հնարած բան են։ Եվ այդպիսի անպատկառությամբ փողոցի մի ծայրից մյուսը նրան ''դու'' է բղավում։ Զուր դավադրություն։ Պարզ բան է, որ պետք է բացասել արհամարհանքով, իսկ Եվգենի Պավլովիչի նկատմամբ կրկնապատկել հարգանքը։ Այդպես էլ ասացի Լիզավետա Պրոկոֆևնային։ Հիմա քեզ կասեմ իմ ամենաթաքուն միտքը. ես համառորեն համոզված եմ, որ նա այդ անում էր անձնապես ինձ վրեժխնղիր լինելու համար, հիշո՞ւմ ես, առաջվանի համար, թեև ես երբեք և ոչ մի բանում նրա առաջ մեղավոր չեմ եղել։ Շիկնում եմ լոկ հիշելուց։ Հիմա ահա նա կրկին հայտնվեց։ Ես կարծում էի, բոլորովին անհայտացել է, իսկ որտե՞ղ է նստում այդ Ռոդոժինը, ասացեք խնդրեմ։ Ես կարծում էի, ''այդ կինը'' արդեն վաղուց տիկին Ռոգոժինա է։
 
Մի խոսքով, մարդը խիստ շշկլվել էր։ Գրեթե մի ամբողջ ժամ տևող ճանապարհին միայն նա էր խոսում, հարցեր էր տալիս, ինքն էլ լուծում դրանք, սեղմում էր իշխանի ձեռքը, ու թերևս, հենց միայն այն բանում համոզեց իշխանին, որ մտքովն էլ չի անցկացնում որևէ բանում կասկածել նրան։ Դա իշխանի համար կարևոր էր։ Նա վերջացրեց Եվգենի Պավլովիչի հարազատ հորեղբոր մասին պատմելով, որը Պետերբուրգում ինչ֊որ գրասենյակի պետ է,— «աչքի ընկնող տեղում, յոթանասուն տարեկան, կենսասեր, խորտկասեր և առհասարակ հաճոյակատար մի ծերուկ է... Հա՜-հա՜։ Ես գիտեմ, որ նա լսել է Նաստասյա Ֆիլիպովնայի մասին և նույնիսկ ջանացել է մտերմանալ։ Նորերս գնացի նրա մոտ. չի ընդունում, տկար է, բայց հարուստ է, հարուստ, կշիռ ունի և... աստված նրան երկար կյանք տա, բայց և այնպես՝ էլի ամեն ինչ Եվգենի Պավլովիչին կմնա․․․ այո, այո... իսկ ես այնուամենայնիվ վախենում եմ... Կարծես օդում մի բան է թևածում, կարծես թե չղջիկ, դժբախտություն է թռչում, և վախենում եմ, վախենում․․․»։
 
Եվ, վերջապես, միայն երրորդ օրը, ինչպես արդեն գրել էինք վերը, տեղի ունեցավ Եպանչինների ձևական հաշտությունը իշխան Լև Նիկոլաևիչի հետ։
 
 
=== XII ===
 
Կեսօրվա ժամը յոթն էր. իշխանը պատրաստվում էր գնալ զբոսայգի։ Հանկարծ Լիզավետա Պրոկոֆևնան մենակ մտավ նրա պատշգամբը։
 
— ''Նախ և առաջ'', չհամարձակվես մտքովդ անցկացնել,— ասաց նա,— որ քեզ մոտ եկել եմ ներողություն խնդրելու։ Դատարկ բան։ Ամեն ինչում դու ես մեղավոր։
 
Իշխանը լուռ էր։
 
— Մեղավո՞ր ես, թե՞ ոչ։
 
— Նույնքան, որքան և դուք։ Ասենք, ոչ ես, ոչ դուք, մենք երկուսս էլ ոչ մի բանում դիտավորյալ մեղավոր չենք։ Ես երեք օր աոաջ ինձ մեղավոր էի համարում, իսկ հիմա մտածեցի, որ դա այդպես չէ։
 
— Ա՜յ թե դու ինչպես։ Դե լավ. ուրեմն լսիր և նստիր, որովհետև ես մտադիր չեմ կանգնելու։
 
երկուսն էլ նստեցին։
 
— ''Երկրորդ''՝ ոչ մի խոսք չարամիտ անպիտան տղաների մասին։ Ես կնստեմ ու քեզ հետ կխոսեմ տասը րոպե. ես եկել եմ քեզ մոտ տեղեկանք ստանալու (իսկ դու աստված գիտի, թե ի՞նչ էիր կարծում), և եթե դու գեթ մի ծպտուն հանես հանդուգն անպիտան տղաների մասին, ես վեր եմ կենում և գնում եմ, և արդեն ընդմիշտ քեզ հետ խզում կապերս։
 
— Լավ,— պատասխանեց իշխանը։
 
— Թույլ տուր քեզ հարցնելու, մի երկու կամ երկուսուկես ամիս առաջ, զատկի տոների մոտ դու բարեհաճե՞լ ես Ագլայային նամակ ուղարկել։
 
— Գը֊գրել եմ։
 
— Իսկ ի՞նչ նպատակով։ Ի՞նչ կար նամակում։ Ցույց տուր նամակը։
 
Լիզավետա Պրոկոֆևնայի աչքերը բոցավառվում էին անհամբերությունից, նա համարյա դողում էր։
 
— Ինձ մոտ նամակ չկա,— սաստիկ զարմացավ ու վախվորեց իշխանը,— եթե կա և դեռ չի ոչնչացված, ապա Ագլայա Իվանովնայի մոտ է։
 
— Պոչ մի՛ խաղացրու։ Ինչի՞ մասին էիր գրել։
 
— Ես պոչ չեմ խաղացնում և ոչնչից չեմ վախենում։ Ես պատճառ չեմ գտնում, թե ինչու չպիտի գրեի...
 
— Լռի՛ր։ Հետո կխոսես։ Ի՞նչ կար նամակում։ Ինչո՞ւ կարմրեցիր։
 
Իշխանը փոքր֊ինչ մտածեց։
 
— Ես չգիտեմ ձեր մտքերը, Լիզավետա Պրոկոֆևնա։
 
Միայն տեսնում եմ, որ այդ նամակը ձեզ բոլորովին դուր չի գալիս։ Համաձայնեցեք, որ ես կարող էի հրաժարվել այդպիսի հարցին պատասխանելուց, բայց որպեսզի ձեզ ցույց տամ, որ ես նամակի համար չեմ վախենում և չեմ ափսոսում, որ գրել եմ, և բնավ չեմ կարմրում դրա համար (իշխանը համարյա կրկնակի կարմրեց), ես ձեզ կկարդամ այդ նամակը, որովհետև, կարծես, անգիր հիշում եմ։
 
Այդ ասելով, իշխանը գրեթե բառ առ բառ կարդաց այդ նամակը, ինչպես որ գրված էր։
 
― Ինչպիսի՜ բարբաջանք։ Քո կարծիքով ի՞նչ կարող է նշանակել այդ դատարկաբանությունը,— խիստ հարցրեց Լիզավետա Պրոկոֆևնան, արտասովոր ուշադրությամբ լսելով նամակը։
 
— Ինքս էլ չգիտեմ լիովին․ գիտեմ, որ զգացմունքս անկեղծ էր։ Այնտեղ կյանքով ու հույսերով լի րոպեներ էի ունենում։
 
— Ի՞նչ հույսերով։
 
― Դժվար է բացատրել, միայն ոչ այնպիսի հույսերով, ինչպես գուցե հիմա դուք կարծում եք... Դե, մի խոսքով ապագայի հույսերով և այն ուրախությամբ, որ, գուցե, ես ''այնտեղ'' օտար չեմ, օտարերկրացի չեմ։ Հայրենիքը հանկարծ ինձ շատ դուր եկավ։ Մի արևոտ առավոտ ես գրիչ վերցրի ու նամակ գրեցի նրան, ինչու նրան՝ չգիտեմ։ Չէ՞ որ մարդ երբեմն ուզում է կողքին մտերիմ ունենալ, ըստ երևույթին, ես էլ ուղեցա մտերիմ ունենալ․․․― փոքր-ինչ լռելով ավելացրեց իշխանը։
 
—— Սիրահարվա՞ծ ես, ինչ է։
 
— Ո-ոչ։ Ես... ես գրել եմ ինչպես քրոջ, ես նույնիսկ ստորագրել եմ եղբայր։
 
— Հը՛մ, դիտմամբ. հասկանամ եմ։
 
— Ինձ համար շատ ծանր է այդ հարցերին պատասխանել, Լիզավետա Պրոկոֆևնա։
 
— Գիտեմ, որ ծանր է, բայց բոլորովին իմ գործը չէ, որ քեզ համար ծանր է։ Լսիր, պատասխանիր ինձ ճշմարիտը, ինչպես աստծու առաջ, դու ինձ խաբո՞ւմ ես, թե չես խաբում։
 
— Չեմ խաբում։
 
— Ճի՞շտ ես ասում, որ սիրահարված չես։
 
— Կարծես, միանգամայն ճիշտ։
 
― Մի տե՜ս, «կարծես»։ Անպիտան տղա՞ն է հանձնել։
 
— Ես խնդրել եմ Նիկոլայ Արդալիոնովիչին․․․
 
— Անպիտան տղա՜ է։ Անպիտան տղա,— ազարտով ընդհատեց Լիզավետա Պրոկոֆևնան,― բոլորովին չգիտեմ, թե այդ ինչ Նիկոլայ Արդալիոնովիչ է։ Անպիտան տղա է։
 
— Նիկոլայ Արդալիոնովիչը․․․
 
— Անպիտան աղա է, ասում եմ քեզ։
 
— Ոչ, ոչ թե անպիտան տղա, այլ Նիկոլայ Արդալիոնովիչ,— հաստատ, թեև բավական կամացուկ պատասխանեց, վերջապես, իշխանը։
 
— Դե լա՜վ, աղավնյակս, լա՜վ։ Ես քեզ կհիշեցնեմ դա։
 
Մի րոպե նա հաղթահարում էր իր հումունքը և հանգստանում էր։
 
— Իսկ ի՞նչ բան է «աղքատ ասպետը»։
 
— Բոլորովին չգիտեմ. դա առանց ինձ է եղել, որևէ կատակ կլինի։
 
— Հաճելի է հանկարծ իմանալ։ Միայն մի՞թե նա կարող էր քեզնով հետաքրքրվել։ Չէ՞ որ նա ինքն էր քեզ «այլանդակիկ» և «ապուշ» անվանում։
 
— Դուք կարող էիք այդ բանն ինձ չհայտնել,— կշտամբալի, համարյա շշուկով նկատեց իշխանը։
 
— Մի՛ նեղանա։ Ինքնիշխան, խենթ, երես առած աղջիկ է, եթե սիրի, անպայման բարձրաձայն կնախատի և երեսին կծաղրի։ Ես ճիշտ նույնպիսին էի։ Միայն, խնդրեմ, մի ցնծա, աղավնյակս, քոնը չի. հավատալ չեմ ուզում դրան, և երբեք չի լինի։ Նրա համար եմ ասում, որ դու հենց հիմա միջոցների դիմես։ Լսիր, երդվիր, որ դու ամուսնացած չես ''այն կնոջ'' հետ։
 
— Լիզավետա Պրոկոֆենա, ի՞նչ եք ասում, ի սեր ասածու,— քիչ մնաց տեղից վեր թռչեր իշխանը զարմանքից։
 
— Բայց ախր քիչ մնաց ամուսնպնայի՞ր։
 
— Քիչ մնաց ամուսնանայի,— շշնջաց իշխանը և գլուխը կախեց։
 
— Ինչ, ուրեմն ''նրա՞ն'' ես սիրահարված, եթե այդպես է։ Հիմա ''նրա՞'' համար ես եկել։ Այդ ''կնո՞ջ''։
 
— Ես նրա համար չեմ եկել որ ամուսնանամ,— պատասխանեց իշխանը։
 
— Քեզ համար որևէ է սրբություն կա՞ աշխարհիս երեսին։
 
— Կա։
 
— Երդվիր, որ ''նրա'' հետ ամուսնանալու չես եկել։
 
— Երդվում եմ ինչով կուզեք։
 
— Հավատում եմ. համբուրիր ինձ։ Վերջապես ազատ շնչեցի. բայց գիտցիր, Ագլայան քեզ չի սիրում, միջոցների դիմիր, և նա քեզ մարդու չի գնա, քանի դեռ ես ապրում եմ աշխարհի երեսին։ Իմացա՞ր։
 
— Իմացա։
 
Իշխանն այն աստիճան կարմրում էր, որ չէր կարող ուղիղ նայել Լիզավետա Պրոկոֆևնային։
 
— Ուրեմն ականջիդ օղ արա։ Ես քեզ սպասում էի ինչպես նախախնամություն (դրան արժանի չէի՜ր դու), գիշերները բարձս արցունքով էի ողողում, ոչ թե քեզ համար, աղավնյակս, մի անհանգստացիր, ես իմ, ուրիշ, վիշտն ունեմ, հավիտենական ու միշտ միևնույն։ Բայց ահա թե ինչու էի քեզ այդպիսի անհամբերությամբ սպասում. ես դեռ շարունակում եմ հավատալ, որ աստված ինքն է քեզ ուղարկել ինձ որպես բարեկամ և որպես հարազատ եղբայր։ Մոտս ոչ ոք չկա, բացի պառավ Բելոկոնսկայայից, բայց նա էլ թռավ֊գնաց, համ էլ պառավությունից ոչխարի պես հիմարացել է։ Հիմա պատասխանիր ուղղակի ''այո'' կամ ոչ. գիտե՞ս թե երեք օր առաջ ''նա'' ինչու էր բղավում կառքից։
 
— Ազնի՛վ խոսք, որ ես դրանում չեմ մասնակցել և ոչինչ չգիտեմ։
 
— Բավական է, հավատում եմ։ Հիմա ես էլ ուրիշ մտքեր ունեմ այդ մասին, բայց դեռ երեկ, առավոտյան, ամեն ինչում մեղադրում էի Եվգենի Պավլովիչին։ Երեք օր առաջվա ամբողջ օր ու գիշերը և երեկ առավոտյան։ Հիմա, իհարկե, չեմ կարող չհամաձայնել նրանց հետ. ակնհայտ է, որ այստեղ նրա վրա, ինչպես հիմարի, ծիծաղել են չգիտես ինչու, ինչ պատճառով, ինչի համար (լոկ սա արդեն կասկածելի է, և բարետեսիլ չէ), բայց Ագլայան չի լինի նրա կինը, ասում եմ սա քեզ։ Շատ էլ որ նա լավ մարդ է, բայց դա այդպես էլ կլինի։ Ես առաջ էլ տատանվում էի, իսկ հիմա արդեն հաստատ որոշեցի․ «Առաջ ինձ դագաղ դրեք և թաղեցեք հողում, իսկ հետո աղջկանս ամուսնացրեք», ահա ինչ ասացի կտրուկ Իվան Ֆյոդորովիչին այսօր։ Տեսնո՞ւմ ես, ինչ եմ վստահում քեզ, տեսնո՞ւմ ես։
 
— Տեսնում եմ և հասկանում։
 
Լիզավետա Պրոկոֆևնան թափանցող հայացքով ուշադիր նայում էր իշխանին. գուցե ուզում էր իմանալ, թե նրա վրա ինչ տպավորություն է գործում Եվգենի Պավլովիչի մասին լսած լուրը։
 
— Գավրիլա Իվոլգինի մասին ոչի՞նչ չգիտես։
 
— Այսինքն․․․ շատ բան գիտեմ։
 
— Գիտեի՞ր, թե ոչ, որ նա հարաբերությունների մեջ է Ագլայայի հետ։
 
— Բոլորովին չգիտեի,— զարմացավ և նույնիսկ ցնցվեց իշխանը,— ինչպե՞ս, դուք ասում եք, Գավրիլա Արդալիոնովիչը հարաբերությունների մեջ է Ագլայա Իվանովնայի հե՞տ։ Չի՛ կարող պատահել։
 
— Բոլորովին վերջերս։ Այստեղ քույրը ամբողջ ձմեռ նրա համար ճանապարհ էր բացում, աշխատում էր առնետի պես։
 
— Ես չեմ հավատում,— հաստատ կրկնեց իշխանը որոշ մտմտուքից ու հուզմունքից հետո։— Եթե դա լիներ, հավանաբար ես կիմանայի։
 
― Չլինի՞ թե նա ինքը կգար և կրծքիդ վրա արցունք թափելով կխոստովաներ։ Է՜խ, դու, պարզամի՜տ, պարզամի՜տ։ Բոլորը քեզ խաբում են ինչպես... ինչպես... Եվ չե՞ս ամաչում, որ նրան հավատ ես ընծայում։ Մի՞թե չես տեսնում, որ նա ամեն ձևով քեզ պլոկել է։
 
— Ես լավ գիտեմ, որ նա երբեմն ինձ խաբում է,— դժկամությամբ արտասանեց իշխանը կիսաձայն,— և նա գիտի, որ ես գիտեմ այդ...— ավելացրեց նա և խոսքը կիսատ թողեց։
 
— Գիտենալ և հավա՜տ ընծայել։ Այդ էր պակաս։ Ասենք, քո կողմից այդպես էլ պիտի լինի։ Իսկ ե՞ս ինչու եմ զարմանում։ Տեր աստված։ Եղե՞լ է արդյոք մի ուրիշ այսպիսի մարդ։ Թո՛ւհ։ Իսկ գիտե՞ս, որ այդ Գանկան կամ այդ Վարկան, նրան հարաբերության մեջ են դրել Նաստասյա Ֆիլիպովնայի հետ։
 
— Ո՞ւմ,— բացականչեց իշխանը։
 
— Ագլայային։
 
— Չե՛մ հավատում։ Դա չի կարող պատահել։ Իսկ ի՞նչ նպատակով։
 
Նա վեր թռավ աթոռից։
 
— Ես էլ չեմ հավատում, թեև հանցանշաններ կան։ Ինքնակամ աղջիկ է, ֆանտաստիկ աղջիկ է, խելագար աղջիկ է։ Չար, չար, չար աղջիկ է։ Հազար տարի կպնդեմ, որ չար է։ Հիմա իմ բոլոր աղջիկներն այդպես են, նույնիսկ այդ թրջված հավը, Ալեքսանդրան, բայց այս մեկն արդեն բոլորովին դուրս է պրծել ձեռքիցս։ Բայց ես չեմ հավատում։ Գուցե նրա համար, որ չեմ ուզում հավատալ,— ավելացրեց նա կարծես թե ինքն իր մեջ։— Ինչո՞ւ չէիր գալիս,— հանկարծ նորից դարձավ նա իշխանին։— Ամբողջ երեք օր ինչո՞ւ չէիր գալիս,— անհամբեր բղավեց նրա երեսին մի անգամ ևս։
 
Իշխանն սկսեց պատմել իր պատճառները, բայց նա նորից ընդհատեց։
 
— Բոլորը քեզ հիմարի տեղ են դնում և խաբում են։ Դու երեկ քաղաք ես գնացել. գրազ կգամ, ծունկի ես եկել, խնդրել ես այդ սրիկային տասը հազարն ընդունել։
 
— Բոլորովին ոչ, մտքովս էլ չի անցել։ Նույնիսկ չեմ տեսել նրան և, բացի այդ, նա սրիկա չէ։ Ես նրանից նամակ եմ ստացել։
 
— Ցո՛ւյց տուր նամակը։
 
Իշխանը թղթապանակից մի տոմսակ հանեց և տվեց Լիզավետա Պրոկոֆևնային։ Տոմսակում գրված էր.
 
«Ողորմած տեր, ես, իհարկե, մարդկանց աչքում նվազագույն իսկ իրավունք չունեմ ինքնասիրություն ունենալու։ Մարդկանց կարծիքով ես չափազանց չնչին եմ դրա համար։ Բայց դա մարդկանց աչքում և ոչ թե ձեր։ Ես շատ համոզվեցի, որ դուք, ողորմած տեր, գուցե ավելի լավն եք, քան ուրիշները։ Ես համաձայն չեմ Դոկտորենկոյի հետ և տարակարծիք եմ նրա այդ համոզմանը։ Ես ձեզնից երբեք չեմ վերցնի ոչ մի կոպեկ, բայց դուք օգնել եք իմ մորը, և դրա համար ես պարտավոր եմ ձեզ շնորհապարտ լինել, թեպետև թուլությանս պատճառով։ Համենայն դեպս, ես ձեզ վրա այլ կերպ եմ նայում և հարկ համարեցի ձեզ տեղեկացնել։ Եվ ապա ենթադրում եմ, որ մեր մեջ այլևս ոչ մի հարաբերություն չի կարող լինել։ ''Անտիպ Բուրդովսկի''»։
 
«P․S․ երկու հարյուր հիսուն ռուբլուց պակասած գումարը ժամանակի ընթացքում լրիվ կվճարվի ձեզ»։
 
— Ա՜յ թե խառնաշփոթություն է,— եզրակացրեց Լիզավետա Պրոկոֆևնան, ետ շպրտելով տոմսակը,— նույնիսկ չարժեր կարդալ։ Ի՞նչ ես քմծիծաղ տալիս։
 
— Համաձայնեցեք, որ ձեզ համար էլ հաճելի էր կարդալը։
 
— Ինչպե՜ս։ Սնափառությամբ տառապող այս բարբաջանքը։ Մի՞թե դու չես տեսնում, որ նրանք բոլորը խելքները թռցրել են հպարտությունից ու սնափառությունից։
 
— Այո, բայց համենայն դեպս նա մեղա է եկել, կապերը խզել է Դոկտորենկոյի հետ, և նույնիսկ որքան ավելի փառասեր է, այդքան ավելի թանկ է նստել դա նրա փառասիրությանը։ Օ, ինչպիսի՜ փոքրիկ երեխա եք դուք, Լիզավետա Պրոկոֆևնա։
 
— Ինչ է, դու վերջ ի վերջո մտադիր ես ինձնից ապտա՞կ ստանալ։
 
— Ոչ, բոլորովին մտադիր չեմ։ Այլ նրա համար, որ դուք ուրախ եք տոմսակի համար, բայց թաքցնում եք այդ։ Ինչո՞ւ եք ամաչում ձեր զգացմունքներից։ Ախր դուք ամեն բանում այդպես եք։
 
— Հիմա չհամարձակվես ոտք դնել շեմս,— վեր թռավ Լիզավետա Պրոկոֆևնան, զայրույթից գունատվելով,— սրանից հետո երբեք իզ ու թոզդ էլ չլինի իմ տանը։
 
— Իսկ երեք օր հետո ինքներդ կգաք և կկանչեք ձեզ մոտ... Է, ինչպե՞ս չեք ամաչում։ Դրանք ձեր լավագույն զգացմունքներն են, ինչո՞ւ եք ամաչում դրանցից։ Չէ՞ որ միայն տանջում եք ինքներդ ձեզ։
 
— Մեռնեմ, երբե՛ք չեմ կանչի։ Անունդ կմոռանամ։ Արդեն մոռացա։
 
Նա դուրս նետվեց իշխանի մոտից։
 
— Առանց ձեզ էլ ինձ արդեն արգելել են ձեզ մոտ գալը,— բղավեց նրա հետևից իշխանը։
 
— Ի֊ի՞նչ։ Ո՞վ է արգելել ձեզ։
 
Նա վայրկենաբար շուռ եկավ, կարծես ասեղով ծակեցին նրան։ Իշխանը տատանվեց՝ պատասխանի՞, թե ոչ, նա զգաց, որ անզգուշաբար, բայց խոսք փախցրեց բերանից։
 
― Ո՞վ է արգելել քեզ,— կատաղորեն բղավեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 
— Ագլայա Իվանովնան է արգելում․․․
 
— Ե՞րբ։ Դե ա-ասա՛ տեսնե՜մ...
 
— Այսօր առավոտյան լուր էր ուղարկել, որ ես երբեք չհամարձակվեմ ձեզ մոտ գալ։
 
Լիզավետա Պրոկոֆևնան կանգնած էր քար կտրած, բայց նա միտք էր անում։
 
— Ի՞նչ էր ուղարկել։ Ո՞ւմ էր ուղարկել։ Անպիտան տղայի միջոցո՞վ, բերանացի՞,— նորից բացականչեց նա հանկարծ։
 
— Ես տոմսակ ստացա,— ասաց իշխանը։
 
— Ո՞ւր է։ Տո՛ւր, իսկույն։
 
Իշխանը մի րոպե մտածեց, սակայն ժիլետի գրպանից հանեց թղթի մի անփույթ պատառ, որի վրա գրված էր․
 
«Իշխան Լև Նիկոչաևիչ։ Եթե այն ամենից հետո, որ եղել է, դուք մտադիր եք ինձ զարմացնել մեր ամառանոցն այցելելով, ապա, համոզված եղեք, ինձ չեք գտնի ուրախացածների թվում։ ''Ագլայա Եպանչինա''»։
 
Լիզավետա Պրոկոֆևնան մի րոպե կշռադատում էր․ հետո հանկարծ նետվեց դեպի իշխանը, բռնեց նրա ձեռքը և քարշ տվեց իր հետևից։
 
— Հիմա՛։ Ե՛կ։ Դիտմամբ հիմա, ա՛յս րոպեի՜ս,— բացականչեց նա արտասովոր հուզմունքի ու անհամբերության նոպայով։
 
— Բայց ախր դուք ինձ ենթարկում եք․․․
 
— Ինչի՞։ Անմեղ պարզասի՜րտ։ Կարծես իսկի տղամարդ չլինի։ Դե, հիմա ամեն ինչ ես ինքս կտեսնեմ, սեփական աչքերովս...
 
— Բայց թույլ տվեք, գոնե գլխարկս վերցնեմ...
 
— Ահա քո զզվելի գլխարկը, գնանք։ Չես կարողացել նույնիսկ ձևը ճաշակով ընտրել... Այդ նա... այդ նա նոր պատահածից հետո... տաք֊տաք,— մրթմրթում էր Լիզավետա Պրոկոֆևնան, քարշ տալով իր հետևից իշխանին և ոչ մի րոպե բաց չթողնելով նրա ձեռքը,— քիչ առաջ ես քեզ պաշտպան կանգնեցի, բարձրաձայն ասացի հիմար ես, որ չես գալիս... այլապես չէր գրի այսպիսի անմիտ տոմսակ։ Անվայելուչ տոմսակ։ Անվայելուչ՝ ազնիվ, դաստիարակված, խելացի, խելացի աղջկա համար․․․ Հը՛մ,— շարունակում էր նա,— դե իհարկե, ինքն էլ էր բարկանում, որ չես գալիս, միայն հաշվի չի առել, որ ապուշին այդպես գրել չի կարելի, որովհետև տառացիորեն կընդունի, ինչպես որ ստացվեց։ Ի՞նչ ես ականջ դնում,— բղավեց նա ուշքի գալով, որ խոսք թռցրեց։— Նրան քեղ նման ծաղրածու է պետք, վաղուց չի տեսել, ահա թե ինչու է խնդրում քեզ։ Եվ ես ուրախ եմ, ուրախ եմ, որ նա հիմա քեզ ձեռ կառնի։ Հենց դրան էլ արժանի ես։ Իսկ նա կարողանո՜ւմ է, օ, ինչպե՜ս է կարողանում։
 
 
== Երրորդ մաս ==
 
=== I ===
 
Րոպեն մեկ գանգատվում են, թե մեզանում գործնական մարդիկ չկան, որ քաղաքագետ մարդիկ, օրինակ, շատ են. գեներալներ նույնպես շատ կան․ զանազան կառավարիչներ, ինչպիսիք ուզենաս, ինչքան որ պետք լինի, անմիջապես կարելի է ճարել, իսկ գործնական մարդիկ չկան։ Համենայն դեպս բոլորը գանգատվում են, որ չկան։ Նույնիսկ, ասում են, որոշ երկաթուղիներում կարգին սպասավորներ չկան. ասում են, ոչ մի կերպ հնարավոր չէ որևէ նավային ընկերության փոքրիշատե տանելի ադմինիստրացիա ստեղծել։ Լսում ես, մի տեղ, որևէ նորաբաց ճանապարհի վրա ընդհարվել կամ կամուրջի վրա խորտակվել են վագոնները, մի տեղ, գրում են, գնացքը համարյա ձմեռել է ձյունապատ դաշտում, մի քանի ժամվա ճանապարհ է եղել, բայց հինգ օր կանգնել մնացել են ձյան մեջ։ Մի տեղ, պատմում են, բազմահազար փթերով ապրանք է փտում նույն տեղում երկուական ու երեքական ամիս մնալով, սպասելով առաքման, իսկ մի տեղ էլ, ասում են (նույնիսկ մարդու հավատալը չի գալիս), մի վարչարար, այսինքն՝ ինչ-որ վերակացու, մի վաճառականի գործակատարի, որը պնդելիս է եղել, որ իր ապրանքներն առաքի, առաքման վախարեն «վարչարարություն է արել» գործակատարի ատամներին, և դեռ իր վարչարարական արարքը բացատրել է նրանով, որ ինքը «տաքացել է»։ Թվում է, պետական ծառայության այնքան ատյաններ կան, որ նույնիսկ սարսափելի է մտածելը. բոլորը ծառայել են, բոլորը ծառայում են, բոլորը մատդիր են ծառայել, ուրեմն, թվում է, այդպիսի նյութից ինչպե՞ս կարելի է մի կարգին նավային ընկերության ադմինիստրացիա չկազմել։
 
Դրան երբեմն շաա հասարակ պատասխան են տալիս, այնքան հասարակ, որ նույնիսկ մարդ չի հավատում այդպիսի բացատրության։ Ճիշտ է, ասում են, մեզանում բոլորը ծառայել են կամ ծառայում են, և դա արդեն երկու հարյուր տարի է, ըստ գերմանական լավագույն օրինակի, ապուպապերից անցնում է ծոռներին, բայց ծառայողները հենց ամենաանգործնական մարդիկ են, և բանն այնտեղ է հասել, որ վերացականությունն ու գործնական գիտելիքի պակասը նույնիսկ բուն ծառայողների մեջ դեռ նորերս համարվում էին համարյա ամենամեծ առաքինությունն ու հանձնարարականը։ Ասենք, զուր տեղն սկսեցինք ծառայողների մասին խոսել, իսկապես ասած, մենք ուզում էինք խոսել գործնական մարդկանց մասին։ Այստեղ արդեն կասկած չկա, որ վախկոտությունն ու սեփական նախաձեռնության լիակատար պակասությունը մեզանում շարունակ համարվել է, նույնիսկ հիմա էլ համարվում է գործնական մարդու լավագույն հատկությունը։ Բայց ինչո՞ւ միայն մեզ մեղադրենք, եթե միայն այդ կարծիքը մեղադրանք համարելու լինենք։ Յուրօրինակության պակասությունը ամենուրեք էլ, ամբողջ աշխարհում, դարերից ի վեր միշտ համարվել է բանիմաց, գործնական ու պրակտիկ մարդու առաջին հատկությունը և լավագույն հանձնարարականը, և առնվազն մարդկանց իննսունինը հարյուրերորդականը (դա՝ առնվազը) միշտ այդ կարծիքին է եղել, և թերևս մարդկանց միայն մեկ հարյուրերորդականն է այլ կերպ նայել ու նայում։
 
Գյուտարարներն ու հանճարները դրեթե միշտ իրենց գործունեության սկզբում (իսկ շատ հաճախ նաև վերջում) հասարակության մեջ համարվել են ոչ ավելի, քան հիմարներ, սա արդեն բոլորին շատ ծանոթ ամենահնամոլ դիտողությունն է։ Եթե, օրինակ, տասնյակ տարիների ընթացքում բոլորն իրենց փողերը տանում էին լոմբարդ և միլիարդներ են տարել այնտեղ չորս տոկոսով, ապա հասկանալի է, երբ լոմբարդը դադարեց գոյություն ունենալուց և բոլորը մնացին սեփական նախաձեռնության հույսին, ապա այդ միլիոնների մեծ մասը պետք է անպայման ոչնչանար ակցիոներական տենդի մեջ և սրիկաների ձեռքում, և նույնիսկ այդպես էր պահանջում պատշաճությունը և բարեբարոյությունը։ Հենց բարեբարոյությունը. եթե մեզանում բարեբարո վեհերոտությունը և յուրօրինակության պատշաճ պակասը մինչև հիմա կազմում էին, ըստ ընդհանուրի կողմից ընդունված համոզման, բանիմաց և կարգին մարդու անկապտելի հատկությունը, ապա չափազանց անկարգ և նույնիսկ անպատշաճ բան կլիներ հանկարծ այդպես խիստ փոխվելը։ Օրինակ, իր զավակին քնքշորեն սիրող ո՞ր մայրը չի վախենա և վախից չի հիվանդանա, եթե նրա որդին կամ աղջիկը մի քիչ շեղվեն ճանապարհից. «Չէ, ավելի լավ է, թող երջանիկ լինի և ապրի լիության մեջ և առանց յուրօրինակության»,― մտածում է ամեն մի մայր, իր մանկանն օրորելիս։ Իսկ մեր դայակները, մանուկներին օրորելիս, վաղուց անտի մրմնջում ու երգում են. «Դու գեներալ կդառնաս ու ոսկու մեջ կլողաս»։ Այսպիսով, նույնիսկ մեր դայակները գեներալի աստիճանը համարել են ռուսի երջանկության գագաթնակետը և, նշանակում է, այդ աստիճանը եղել է հանգիստ, սքանչելի երանության ազգային ամենահանրամատչելի իդեալը։ Եվ հիրավի քննությունները միջակ տալուց և երեսունհինգ տարի ծառայելուց հետո մեզանում ո՞վ կարող էր վերջ ի վերջո, գեներալ չդառնալ և որոշ գումար չկուտակել լոմբարդում։ Այսպիսով, ռուս մարդը, գրեթե առանց որևէ ճիգի, վերջ ի վերջո հասնում էր բանիմաց ու գործնական մարդու կոչման։ Ըստ էության մեզանում գեներալ չդառնալ կարող էր միայն յուրօրինակ, այլ կերպ ասած անհանգիստ մարդը։ Թերևս այստեղ որոշ թյուրիմացություն կա, բայց, ընդհանրապես ասած, թվում է, սա ճիշտ է, և մեր հասարակությունը լիովին արդարացի էր գործնական մարդու իդեալը որոշելիս։ Այսուաամենայնիվ, մենք համենայն դեպս շատ ավելորդ բաներ ասացինք. այնինչ, իսկապես ասած, ուզում էինք մի քանի բացատրական խոսք ասել Եպանչինների մեզ ծանոթ ընտանիքի մասին։ Այդ մարդիկ կամ համենայն դեպս այդ ընտանիքի առավել դատող անդամները, մշտապես տառապում էին իրենց ընտանեկան համարյա ընդհանուր մի հատկությամբ, որ ուղիղ հակառակն էր այն առաքինությունների, որոնց մասին մենք հիմա դատողություններ էինք անում վերև։ Լիովին չհասկանալով փաստը (որովհետև դա դժվար է հասկանալ), այնուամենայնիվ նրանք երբեմն կասկածում էին, որ իրենց ընտանիքում ամեն ինչ մի տեսակ այնպես չի գնում, ինչպես բոլորի մոտ։ Բոլորի մոտ հարթ է, նրանց մոտ՝ խորդուբորդ, բոլորը գլորվում են ռելսերի վրայով, իրենք րոպեն մեկ դուրս են ընկնում ռելսերից։ Բոլորը ամեն րոպե բարեբարո կերպով վեհերում էին, իսկ իրենք՝ ոչ։ Լիզավետա Պրոկոֆևնան, ճիշտ է, նույնիսկ, չափազանց վախենում էր, բայց և այնպես դա այն բարձրաշխարհիկ բարեբարո վախը չէր, որի համար թախծում էին նրանք։ Սակայն կարող է պատահել, միայն Լիզավետա Պրոկոֆևնան էր անհանգստանում, աղջիկները դեռ ջահել էին, թեև շատ խորաթափանց ու ծաղրասեր մարդիկ, իսկ գեներալը թեպետև թափանցում էր (ի դեպ, ոչ առանց դժվարության), բայց դժվարին դեպքերում միայն ''հը՛մ'' էր անում, և վերջ ի վերջո ամբողջ հույսը դնում էր Լիզավետա Պրոկոֆևնայի վրա։ Կնշանակի հենց նրա վրա էլ ընկած էր պատասխանատվությունը։ Եվ այնպես չէր, որ այդ ընտանիքը, օրինակ, աչքի էր ընկնում իր որևէ սեփական նախաձեռնությամբ կամ ռելսերից դուրս էր ընկնում յուրօրինակության նկատմամբ ունեցած գիտակցական հակումից, որն արդեն բոլորովին անվայելուչ բան կլիներ։ Օ, ո՜չ։ Իսկապես ոչ մի այդպիսի բան չկար, այսինքն՝ գիտակցորեն դրված ոչ մի նպատակ, բայց և այնպես վերջ ի վերջո այնպես էր ստացվում, որ Եպանչինների ընտանիքը, թեև շատ հարգարժան, այնուամենայնիվ մի տեսակ այնպիսին չէր, ինչպիսին պետք է լինեին առհասարակ բոլոր հարգարժան ընտանիքները։ Վերջին ժամանակները Լիզավետա Պրոկոֆևնան սկսել էր ամեն ինչում մեղավոր համարել միայն իրեն և իր «դժբախտ» բնավորությունը, որից և շատացել էին նրա տառապանքները։ Նա ինքն էր ամեն րոպե իրեն անարգում «հիմար, անվայելուչ տարօրինակ կին» բառերով և տանջվում էր կասկածամտությունից, անընդհատ գլուխը կորցնում էր, ելք չէր գտնում իրերի մի որևէ ամենասովորական ընդհարումից և ամեն րոպե չափազանցնում էր դժբախտությունը։
 
Դեռ մեր պատմության սկզբում հիշատակել էինք, որ Եպանչինները վայելում էին ընդհանուր և իսկական հարգանք։ Նույնիսկ գեներալ Իվան Ֆյոդորովիչն ինքը, մութ ծագումով մի մարդ, անվիճելիորեն ու հարգանքով ընդունված էր ամեն տեղ։ Նա իսկապես էլ արժանի էր հարգանքի, նախ՝ որպես հարուստ և «ոչ վերջին» մարդ և երկրորդ՝ որպես միանգամայն կարգին, թեև սահմանափակ մարդ։ Բայց, թվում է, մտքի որոշ բթությունը գրեթե անհրաժեշտ հատկություն է, եթե ոչ ամեն մի գործչի, ապա, համենայն դեպս, ամեն մի լուրջ փող վաստակողի համար։ Վերջապես, գեներալը կարգին նիստ ու կաց ուներ, համեստ էր, գիտեր լսել և միաժամանակ թույլ չտալ, որ իր ոտը տրորեն, և ոչ թև միայն իր գեներալությամբ, այլև, որպես ազնիվ ու ազնվաբարո մարդ։ Ամենակարևորն այն էր, որ նա ուժեղ հովանավորություն ունեցող մարդ էր։ Ինչ վերաբերում է Լիզավետա Պրոկոֆևնային, ապա ինչպես վերևում արդեն բացատրված է, նա նաև լավ տոհմից էր, թեև մեզանում տոհմին շատ էլ չեն նայում, եթե ընդսմին անհրաժեշտ կապեր չկան։ Բայց վերջապես նա կապեր էլ ունեցավ. նրան հարգում էին և, վերջապես, սիրեցին այնպիսի մարդիկ, որ նրանցից հետո, բնականաբար, բոլորը պետք է հարգեին և ընդունեին նրան։
 
Կասկած չկա, որ նրա ընտանեկան տառապանքները անհիմն էին, չնչին պատճառ ունեին և ծիծաղելիության աստիճան չափազանցված էին. բայց եթե մեկի քթին կամ ճակատին գորտնուկ կա, չէ՞ որ ուղղակի թվում է, թե աշխարհի երեսին բոլորը միայն մի գործ ունեին և ունեն, որ ձեր գորտնուկին նայեն, դրա վրա ծիծաղեն և ձեզ դատապարտեն դրա համար, թեկուզ դուք նույնիսկ Ամերիկա հայտնագործած լինեիք։ Անկասկած է և այն, որ հասարակության մեջ Լիզավետա Պրոկոֆևնային իրոք «տարօրինակ կին» էին համարում, բայց և անվիճելիորեն հարգում էին նրան, իսկ Լիզավետա Պրոկոֆևնան վերջապես սկսեց չհավատալ և այն բանին, որ նրան հարգում են, և այդ էր նրա ամբողջ դժբախտությունը։ Իր աղջիկներին նայելով, նա տանջվում էր կասկածներից, թե անընդհատ ինչ֊որ բանով խանգարում է նրանց կարիերային, որ իր բնավորությունը ծիծաղելի է, անպատշաճ և անտանելի, որի համար, հասկանալի է, անընդհատ մեղադրում էր հենց իր իսկ աղջիկներին և Իվան Ֆյոդորովիչին, և ամբողջ օրերով կռվում էր նրանց հետ, միաժամանակ ինքնամոռացության և գրեթե կրքոտության աստիճան սիրելով նրանց։
 
Նրան ամենից ավելի տանջում էր այն կասկածը, որ իր աղջիկներն էլ դառնում են ճիշտ նույնպիսի «տարօրինակներ», ինչպես ինքն է և որ այդպիսի օրիորդներ, ինչպես նրանք են, բարձր հասարակության մեջ չեն լինում և չպետք է լինեն։ «Նիհիլիստուհիներ են մեծանում և ուրիշ ոչինչ», րոպեն մեկ ասում էր ինքն իրեն։ Վերջին տարիներին և հատկապես ամենավերջին ժամանակը, այդ տխուր միտքն սկսեց ավելի ու ավելի ամրապնդվել նրա մեջ։ «Նախ և առաջ նրանք ինչո՞ւ չեն ամուսնանում»,— րոպեն մեկ հարցնում էր նա իրեն։ «Որպեսզի տանջեն իրենց մորր, դրանում են նրանք տեսնում իրենց կյանքի նպատակը, և դա, իհարկե, այդպես է, որովհետև այդ բոլորը նոր գաղափարներ են, այդ բոլորը անիծյալ կանացի հարցն է։ Կես տարի առաջ Ագլայան չէ՞ր մտածել կտրել իր սքանչելի մազերը։ (Տե՜ր իմ, նույնիսկ ես Ժամանակին այդպիսի մազեր չեմ ունեցել)։ Ախր մկրատն արդեն ձեռքն էր առել, ախր միայն ծնկաչոք խնդրելով համոզեցի, որ չանի... Դե, ասենք, սա չարությունից էր անում, որպեսզի մորը տանջի, որովհետև չար աղջիկ է, ինքնակամ, երես առած, բայց գլխավորը՝ չա՛ր, չա՛ր, չա՛ր։ Բայց մի՞թե այդ հաստլիկ Ալեքսանդրան նրա հետևից չգնաց նույնպես մազերը կտրելու, և արդեն ոչ թե չարությունից, ոչ թե քմահաճությունից, այլ անկեղծորեն, հիմարի պես, որին հենց Ագլայան էր համոզել, թե նրա համար ավելի հանգիստ կլինի առանց մազի քնելը և գլուխը չի ցավի։ Եվ ահա արդեն հինգ տարի է ինչքա՜ն, ինչքա՜ն, ինչքա՜ն փեսացուներ են ունեցել նրանք։ Եվ իսկապես լավ մարդիկ են եղել, նույնիսկ սքանչելի մարդիկ են հանդիպել։ Ի՞նչ են սպասում նրանք, ինչո՞ւ չեն ամուսնանում։ Միմիայն որպեսզի մորը բարկացնեն, ուրիշ ոչ մի պատճառ չկա։ Ո՛չ մի։ Ո՛չ մի»։
 
Վերջապես կարծես արև ծագեց նաև նրա մայրական սրտի համար. գոնե մի աղջիկը, գոնե Ադելաիդան, վերջապես տեղավորված կլինի։ «Գոնե մեկին ուսերիցս թոթափեմ»,— ասում էր Լիզավետա Պրոկոֆևնան, երբ հարկ էր լինում բարձրաձայն արտահայտվել (մտքում նա անհամեմատ ավելի քնքուշ էր արտահայտվում)։ Եվ ինչ լավ, ինչ վայելուչ դրստվեց ամբողջ գործը. նույնիսկ բարձր հասարակության մեջ սկսեցին հարգանքով խոսել։ Նշանավոր մարդ է, իշխան, կարողության տեր, լավ մարդ է և այդ բոլորով հանդերձ նաև աղջկա սրտովն է, կարծես թե դրանից լավ էլ կարող էր լինել։ Բայց նա առաջ էլ Ադելաիդայի համար պակաս էր անհանգստանում, քան մյուս աղջիկների համար, թեև նրա արտիստական հակումները երբեմն շատ էին խռովում Լիզավետա Պրոկոֆևնայի անընդհատ կասկածող սիրտը։ «Փոխարենը՝ ուրախ բնավորություն ունի և միաժամանակ շատ խոհեմություն, նշանակում է չի կորչի աղջիկը,— մխիթարվում էր նա վերջ ի վերջո։ Ագլայայի համար ամենից ավելի էր վախենում նա։ Ի դեպ ասած, մեծի՝ Ալեքսանդրայի համար, Լիզավետա Պրոկոֆևնան ինքն էլ չգիտեր, թե ինչ աներ. վախենա՞ր, թե ոչ։ Մեկ նրան թվում էր, թե արդեն բոլորովին «կորավ աղջիկը». քսանհինգ տարեկան է, նշանակում օրիորդ էլ կմնա։ «Եվ այդպիսի գեղեցկությա՜մթ...»։ Լիզավետա Պրոկոֆևնան նույնիսկ լաց էր լինում գիշերները նրա համար, մինչդեռ նույն այդ գիշերները Ալեքսանդրա Իվանովնան քնում էր ամենահանգիստ քնով։ «Ի՞նչ է նա վերջապես, նիհիլիստուհի՞, թե ուղղակի հիմար»։ Որ հիմար չէր, ասենք դրանում Լիզավետա Պրոկոֆևնան ինքն էլ ոչ մի կասկած չուներ. նա չափազանց հարգում էր Ալեքսանդրա Իվանովնայի դատողությունները և սիրում էր նրա հետ խորհրդակցել։ Բայց որ «թրջված հավ» է, դրանում ոչ մի կասկած չկա. «Այնքան հանգիստ է, որ տեղից շարժել չի լինի»։ «Սակայն, «թրջված հավերնճ էլ հանգիստ չեն, թո՛ւհ։ Բոլորովին հալից ընկա նրանց երեսից»։ Լիզավետա Պրոկոֆևնան ինչ֊որ անբացատրելի կարեկցական համակրանք ուներ դեպի Ալեքսանդրա Իվանովնան, նույնիսկ ավելի, քան դեպի Ագլայան, որը նրա կուռքն էր։ Բայց մաղձոտ արարքները (որոնցով, գլխավորը, դրսևորվում էին նրա մայրական հոգածությունն ու համակրանքը), կռիվներ սարքելը, այնպիսի անունները, ինչպես «թրջված հավը», միայն Ալեքսանդրայի ծիծաղն էին բերում։ Երբեմն բանն այնտեղ էր հասնում, որ ամենադատարկ բաները սարսափելի բարկացնում էին Լիզավետա Պրոկոֆևնային և հավասարակշռությունից հանում։ Օրինակ, Ալեքսանդրա Իվանովնան շատ էր սիրում երկար քնել և սովորաբար շատ երազներ էր տեսնում, բայց միշտ նրա երազները չտեսնված դատարկ և անմեղ էին լինում, յոթ տարեկան երեխային սազական, և ահա նույնիսկ երազների այդ անմեղությունն սկսեց գրգռել մայրիկին։ Մի անգամ Ալեքսանդրա Իվանովնան երազում ինն հավ էր տեսել, և դրա պատճառով իսկական կռիվ եղավ նրա ու մոր միջև, թե ինչո՞ւ, դժվար է բացատրել։ Մի անգամ, միայն մի անգամ նրան հաջողվեց երազում տեսնել կարծես թե ինչ֊որ յուրօրինակ բան. նա տեսել էր ինչ֊որ մութ սենյակում մի աբեղայի, մենակ, ուր Ալեքսանդրա Իվանովնան վախենում էր մտնել։ Երկու քույրը հռհռալով երազն անմիջապես հանդիսավորությամբ հաղորդել էին Լիզավետա Պրոկոֆևնային, բայց մայրիկը նորից բարկացավ և բոլոր երեքին էլ հիմար անվանեց։ «Հը՛մ, հանդարտ է հիմարի պես, և ախր բոլորովին «թրջված հավ» է, տեղից շարժել չի լինի, բայց թախծում է, երբեմն բոլորովին տխուր հայացք է ունենում։ Ինչի՞ մասին է նա դարդ անում, ինչի՞»։ Երբեմն նա այդ հարցը տալիս էր նաև Իվան Ֆյոդորովիչին, և իր սովորության համաձայն՝ հիստերիկորեն, սպառնագին, անմիջապես պատասխանի սպասելով։ Իվան Ֆյոդորրվիչը հըմ֊հըմ էր անում, խոժոռվում, ուսերը թոթվում և վերջապես ձեռքերը տարածելով որոշում.
 
— Ամուսին է պետք։
 
— Միայն թե աստված նրան այնպիսի ամուսին չտա, ինչպիսին դուք եք, Իվան Ֆյոդորովիչ,— վերջապես ռումբի նման պայթում էր Լիզավետա Պրոկոֆևնան,— իր դատողություններով ու դատավճիռներով ձեզ նման չլինի, Իվան Ֆյոդորովիչ, այդպես կոպտաբարո կոպիտը չլինի, ինչպես դուք եք, Իվան Ֆյոդորովիչ․․․
 
Իվան Ֆյոդորովիչը անմիջապես հոգին ազատում էր, իսկ Լիզավետա Պրոկոֆևնան հանդարտվում էր իր ''պայթյունից'' հետո։ Հասկանալի է, հենց նույն օրը երեկոյան կողմ նա անխուսափելիորեն դառնում էր չտեսնված ուշադիր, սուսիկ, սիրալիր ու հարգալիր դեպի Իվան Ֆյոդորովիչը, դեպի իր «կոպտաբարո կոպիտ» Իվան Ֆյոդորովիչը, դեպի իր բարի ու սիրելի, պաշտելի Իվան Ֆյոդորովիչը, որովհետև նա ամբողջ կյանքում սիրել էր և նույնիսկ սիրահարված էր եղել իր Իվան Ֆյողորո։Լիչին, որի մասին շատ լավ գիտեր և ինքը՝ Իվան Ֆյոդորովիչը և դրա համար անսահմանորեն հարգում էր իր Լիզավետա Պրոկոֆենային։
 
Բայց նրա գլխավոր ու մշտական տանջանքը Ագլայան էր։
 
«Բոլորովին, բոլորովին ինձ պես է, իմ պատկերն է բոլոր տեսակետներից,— մտքում ասում էր Լիզավետա Պրոկոֆևնան,— ինքնասածի, գարշելի՜ սատանա։ Նիհիլիստուհի է, տարօրինակ աղջիկ, խենթ, չա՜ր, չա՛ր, չա՛ր։ Օ, տեր իմ, որքա՜ն դժբախտ կլինի նա»։
 
Բայց, ինչպես արդեն ասացինք, ծագած արևը մի րոպե ամեն ինչ մեղմացրել ու լուսավորել էր։ Համարյա մի ամիս եղավ Լիզավետա Պրոկոֆևնայի կյանքում, երբ նա գրեթե բոլորովին հանգստացավ բոլոր անհանգստություններից։ Ադելաիդայի մոտալուտ հարսանիքի կապակցությամբ բարձր հասարակության մեջ սկսեցին խոսել նաև Ագլայայի մասին, և ընդսմին ամենուրեք Ագլայան իրեն պահում էր այնքա՜ն լավ, այնքա՜ն հավասարակշռված, այնքա՜ն խելացի, այնքա՜ն հաղթական, փոքր֊ինչ հպարտ, բայց չէ՞ որ դա այնպե՜ս սազում է նրան։ Այնպե՜ս քնքուշ, այնպե՜ս սիրալիր էր մոր հետ մի ամբողջ ամիս։ (Ճիշտ է, այդ Եվգենի Պավլովիչին դեռ պետք է շատ, շատ ուշադիր զննել, պետք է ճանաչել նրան, և Ագլայան էլ, կարծես, ուրիշներից ավելի բարեհաճ չի հրա նկատմամբ)։ Համենայն դեպս հանկարծ այնպիսի սքանչելի աղջիկ է դարձել և որքա՜ն գեղեցիկ է նա, աստվա՜ծ, որքա՜ն գեղեցիկ է, օրավուր ավելի է գեղեցկանում։ Եվ ահա...
 
Եվ ահա հենց որ հայտնվեց այդ զզվելի իշխանուկը, այդ անպետք ապուշիկը, ամեն ինչ նորից պղտորվեց, տանն ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։
 
Ի՞նչ էր պատահել սակայն։
 
Ուրիշների համար երևի ոչինչ պատահած չլիներ։ Բայց հենց դրանով էր տարբերվում Լիզավետա Պրոկոֆևնան, որ ամենասովորական բաների զուգակցության և խառնաշփոթության մեջ իրեն միշտ հատուկ անհանգստության միջից նա միշտ կարողանում էր տեսնել մի այնպիսի բան, որ նրան երբեմն հիվանդության աստիճան վախեցնում էր ամենակասկածամիտ, ամենաանբացատրելի, ուրեմն և ամենածանր վախով։ Ուրեմն ի՛նչ էր նրա վիճակը, երբ հանկարծ հիմա, ծիծաղելի և անհիմն անհանգստությունների ողջ խառնափնթորության միջից իրոք սկսեց երևալ կարծես թե ինչ֊որ իսկապես կարևոր, կարծես թե իրոք և տագնապների, և տարակուսանքի, և՛ կասկածների արժանի բան։
 
«Եվ ինչպե՞ս են համարձակվել, ինչպե՞ս են համարձակվել գրել ինձ այդ անիծյալ անոնիմ նամակը այդ արարածի մասին, որ նա հարաբերությունների մեջ է Ագլայայի հետ,— մտածում էր Լիզավետա Պրոկոֆևնան ամբողջ ճանապարհին, մինչ քարշ էր տալիս իր հետևից իշխանին, և տանը, երբ նրան նստեցրեց կլոր սեղանի առաջ, որի շուրջը հավաքված էր ամբողջ ընտանիքը։— Ինչպե՞ս են համարձակվել մտածել այդ մասին։ Ախր ես ամոթից կմեռնեի, եթե գեթ մի կաթիլ հավատայի կամ Ագլայային ցույց տայի այդ նամակը։ Այդպիսի՜ ծաղրանքներ մե՛ր՝ Եպանչիններիս նկատմամբ։ Եվ բոլորը, բոլորը Իվան Ֆյոդորովիչի պատճառով, ձե՛ր պատճառով, Իվան Ֆյոդորովիչ։ Ախ, ինչո՞ւ չտեղափոխվեցինք Ելագին, չէ՞ որ ես ասում էի Ելագին գնանք։ Դա, գուցե, Վարկան է գրել նամակը, ես գիտեմ կամ, կարող է պատահել․․․ ամեն, ամեն ինչում Իվան Ֆյոդորովիչն է մեղավոր։ Այդ նրա՛ հետ է այդ ''արարածը'' այդ կատակը խաղացել, ի հիշատակ նախկին կապերի, որպեսզի նրան հիմարի վիճակի մեջ գցի, ճիշտ այնպես, ինչպես առաջ նրա վրա, ինչպես հիմարի վրա, հռհռում էր, քթից բռնած ման էր ածում, երբ դեռ Իվան Ֆյոդորովիչը նրան մարգարիտներ էր տանում... Իսկ վերջ ի վերջո, այնուամենայնիվ, մենք ենք խառնված, այնուամենայնիվ աղջիկներս են խառնված։ Իվան Ֆյոդորովիչ, ջահել աղջիկները, օրիորդները, լավագույն հասարակության օրիորդներ, հարսնացուներ, նրանք այդտեղ էին գտնվում, այդտեղ էին կանգնած, ամեն ինչ լսեցին, և անպիտան տղաների պատմության մեջ էլ խառն են, ուրախացեք, նույնպես այդտեղ էին և լսում էին։ Չե՛մ ների, չե՛մ ների ես այդ իշխանակին, երբե՛ք չեմ ների։ Եվ ինչո՞ւ Ագլայան երեք օր հիստերիկայի մեջ է, ինչո՞ւ համարյա գժտվել է քույրերի հետ, նույնիսկ Ալեքսանդրայի հետ, որի ձեռներն էր միշտ համբուրում, ինչպես մոր ձեռները, այնքան հարգում էր նրան։ Ինչո՞ւ երեք օր է նա բոլորին հանելուկներ է ասում։ Ի՞նչ գործ ունի այստեղ Գավրիլա Իվոլգինը։ Ինչո՞ւ նա երեկ ու այսօր սկսում էր գովաբանել Գավրիլա Իվոլգինին և լաց եղավ։ Այդ անոնիմ նամակում ինչո՞ւ է հիշատակված այդ անիծյալ «աղքատ ասպետի» մասին, մինչդեռ Ագլայան իշխանից ստացած նամակը նույնիսկ քույրերին չի ցույց տվել։ Եվ ինչո՞ւ... ի՞նչ նպատակով, ի՞նչ նպատակով ես գլուխս կորցրած հիմա վազ տվի նրա մոտ և հենց ինքս քարշ տվի այստեղ։ Տեր իմ, խելքս թռցրե՜լ եմ, այս ի՜նչ արի հիմա։ Երիտասարդի հետ աղջկա գաղտնիքների մասին խոսել, և այն էլ․․․ և այն էլ այնպիսի գաղտնիքների մասին, որոնք համարյա հենց այդ երիտասարդին են վերաբերվում։ Տե՜ր իմ, դեռ լավ է, որ նա ապուշ է և... և... ընտանիքի բարեկամ։ Միայն մի՞թե Ագլայան հրապուրվել է այս այլանդակիկով։ Տեր իմ, ինչե՜ր եմ դուրս տալիս։ Թո՛ւհ։ Ինքնօրինակ մարդիկ ենք մենք․․․ մեզ բոլորիս պետք է ապակու տակ դրած ցուցադրել, առաջինը ինձ, մուտքի վճարը տասական կոպեկով։ Այս բանը չե՛մ ների ձեզ, Իվան Ֆյոդորովիչ, երբե՛ք չեմ ների։ Եվ ինչո՞ւ հիմա Ագլայան նրան ձեռ չի առնում։ Խոստացավ ձեռ առնել և ահա ձեռ չի առնում։ Ահա, ահա, աչքերը լայն բաց արած նրան է նայում, լռում է, չի հեռանում, կանգնել է, այնինչ ինքն էր պատվիրել նրան, որ չգա... Իշխանը նստած է ամբողջովին գունատ։ Եվ այդ անիծյալ, անիծյալ շաղակրատ Եվգենի Պավլովիչը մենակ ինքն է իր վրա վերցրել ամբողջ խոսակցությունը։ Մի տե՜ս, բլբլացնում է, չի թողնում, որ մի խոսք ասեն։ Ես հիմա ամեն ինչ կիմանայի, հենց որ խոսք բացվեր․․․»
 
Իսկապես էլ իշխանը, համարյա գունատ, նստած էր կլոր սեղանի մոտ ու, թվում է, և՛ արտակարգ վախի մեջ էր, և, որոշ վայրկյաններ, իրեն իսկ անհասկանալի և հոգին կլանող հիացմունքի։ Օ, ինչպես նա վախենում էր այն կողմը նայել, այն անկյունը, որտեղից ուշադիր նրան էին նայում երկու ծանոթ սև աչքերը, և միևնույն ժամանակ ինչպես նվաղում էր նա երջանկությունից, որ նստած է այստեղ նորից նրանց մեջ, կլսի ծանոթ ձայնը — այն բանից հետո, որ դրել էր նրան Ագլայան։ «Տեր իմ, ի՞նչ կասի նա հիմա»։ Նա ինքը դեռ ոչ մի բառ չէր արտասանել և լարված լսում էր «բլբլացող» Եվգենի Պավլովիչին, որը հազվադեպ էր եղել այսպիսի գոհ և հուզված տրամադրության մեջ, ինչպես հիմա, այս երեկո։ Իշխանը ունկնդրում էր նրան և երկար ժամանակ չէր հասկանում գրեթե ոչ մի բառ։ Բացի Իվան Ֆյոդորովիչից, որը Պետերբուրդից դեռ չէր վերադարձել, բոլորը հավաքված էին։ Իշխան Շչ֊ն նույնպես այդտեղ էր։ Կարծես պատրաստվում էին քիչ հետո, թեյից առաջ գնալ երաժշտություն լսելու։ Այժմյան խոսակցությունը, ըստ երևույթին, սկսվել էր մինչև իշխանի գալը։ Շուտով պատշգամբ սողոսկեց չգիտես որտեղից հայտնված Կոլյան։ «Նշանակում է, նրան առաջվա պես ընդունում են այստեղ»,― մտածեց իշխանը։
 
Եպանչինների ամառանոցը շքեղ ամառանոց էր, շվեյցարական խրճիթի ճաշակով, ամեն կողմից նրբագեղորեն զարդարված ծաղիկներով ու տերևներով։ Ամեն կողմից այն շրջապատված էր ոչ մեծ, բայց սքանչելի պարտեզով։ Բոլորը նստած էին պատշգամբում, ինչպես և իշխանի ամառանոցում, միայն պատշգամբը մի քիչ ավելի ընդարձակ էր և սարքված էր ավելի պճնագեղ։
 
Սկսված խոսակցության թեման, թվում է, քչերի սրտովն էր, խոսակցությունն, ինչպես կարելի էր գլխի ընկնել, սկսվել էր մի անհամբեր վիճաբանության պատճառով և, իհարկե, բոլորը կուզենային փոխել սյուժեն, բայց, թվում է, Եվգենի Պավլովիչը համառում էր ավելի ևս և ուշադրություն չէր դարձնում թողած տպավորությանը, իշխանի գալը կարծես ավելի ևս բորբոքեց նրան։ Լիզավետա Պրոկոֆևնան խոժոռվում էր, թեև ամեն ինչ չէր հասկանում, մեկուսի, գրեթե անկյունում նստած Ագլայան չէր հեռանում, լսում էր ու համառորեն լռում։
 
— Ներեցեք,— բորբոքված առարկում էր Եվգենի Պավլովիչը,— ես ոչինչ չեմ ասում լիբերալիզմի դեմ։ Լիբերալիզմը մեղք չէ. դա անհրաժեշտ բաղկացուցիչ մասն է ամբողջի, որն առանց դրա կքայքայվի կամ կմահանա. լիբերալիզմը գոյության նույնպիսի իրավունք ունի, ինչպես և ամենաբարեբարո կոնսերվատիզմը, բայց ես հարձակվում եմ ռուսական լիբերալիզմի վրա, և դարձյալ կրկնում եմ, որ իսկապես ասած, հենց այն պատճառով եմ հարձակվում նրա վրա, որ ''ռուս'' լիբերալը ''ռուս'' լիբերալ չէ, այլ ոչ ''ռուս'' լիբերալ է։ Տվեք ինձ մի ռուս լիբերալի և ես նրան հենց հիմա ձեր ներկայությամբ կհամբուրեմ։
 
— Եթե միայն նա ուզենա ձեզ համբուրել,— ասաց Ալեքսանդրա Իվանովնան, որն արտասովոր գրգռված վիճակում էր։ Նույնիսկ նրա այտերը սովորականից ավելի էին կարմրել։
 
«Մի տե՜ս,— ինքն իրեն մտածեց Լիզավետա Պրոկոֆևնան,— մեկ քնում և ուտում է, տեղից շարժել չի լինի, մեկ էլ հանկարծ տարին մեկ անգամ տեղից վեր կկենա ու կսկսի խոսել այնպես, որ միայն զարմանք կմնաս»։
 
Իշխանը հարևանցիորեն նկատեց, որ կարծես Ալեքսանդրա Իվանովնային բոլորովին դուր չի գալիս, որ Եվգենի Պավլովիչը խոսում է շատ ուրախ, խոսում է լուրջ թեմայի մասին և կարծես թե տաքանում է, բայց միևնույն ժամանակ կարծես թե նաև կատակում է։
 
— Ես հիմա պնդում էի, հենց ձեր գալուց առաջ, իշխան,— շարունակում էր Եվգենի Պավլովիչը,— որ մեզանում մինչև հիմա լիբերալները եղել են միայն երկու դասից, առաջվա կալվածատիրական (վերացրած) և սեմինարիական։ Բայց քանի որ երկու դասն էլ վերջ ի վերջո դարձել են իսկական կաստա, ազգից բոլորովին կտրված ինչ-որ բան, և սերնդից սերունդ գնալով ավելի ու ավելի կտրված, ապա, նշանակում է, այն ամենը, ինչ որ նրանք արել են և անում են, եղեք է բոլորովին ոչ ազգային...
 
— Ինչպե՞ս։ Ուրեմն այն ամենը, ինչ արված է, բոլորը ռուսական չէ՞,— առարկեց իշխան Շչ֊ն։
 
— Ազգային չէ, թեկուզև ռուսավարի է, բայց ազգային չէ, լիբերալներն էլ մեզանում ռուսական չեն, կոնսերվատորներն էլ, բոլորը․․․ Եվ համոզված եղեք, որ ազգը ոչինչ չի ընղունի այն ամենից, ինչ արել են կալվածատերերն ու սեմինարիստները, ոչ հիմա, ոչ հետո․․․
 
— Այ ղա Լա՜վ է։ Դուք ինչպե՞ս կարող եք պնդել մի այդպիսի պարադոքս, եթե միայն դա լուրջ եք ասում։ Ես չեմ կարող այդպիսի ոտնձգություն թույլ տալ ռուս կալվածատիրոջ նկատմամբ, դուք ինքներդ ռուս կալվածատեր եք,— տաք-տաք առարկեց իշխան Շչ-ն։
 
— Բայց ախր ես այն մտքով չեմ ասում ռուս կալվածատիրոջ մասին, ինչպես դուք եք ընդունում։ Պատվական ղաս է, հենց թեկուզ միայն այն պատճառով, որ ես նրան եմ պատկանում. մանավանդ հիմա, երբ նա արդեն դադարել է գոյություն ունենալուց...
 
— Մի՞թե գրականության մեջ էլ ոչ մի ազգային բան չի եղել,― ընդհատեց Ալեքսանդրա Իվանովնան։
 
— Ես գրականության մեջ վարպետ չեմ, բայց իմ կարծիքով ռուս գրականությանն էլ ամբողջովին ռուսական չէ, թերևս բացի Լոմոնոսովից, Պուշկինից ու Գոգոլից։
 
— Նախ և առաջ, դա քիչ չի, իսկ երկրորդ, մեկը ժողովրդի միջից է, իսկ մյուս երկուսը կալվածատերեր են,― ծիծաղեց Ադելաիդան։
 
— Ճիշտ այդպես, բայց մի ցնծացեք։ Որովհետև բոլոր ռուս գրողներից մինչև հիմա միայն այդ երեքից յուրաքանչյուրին է հաջողվել ասել իրոք որևէ ''իրենը'', իր սեփականֆ ոչ ոքից չընդօրինակած խոսքը, ապա հենց դրանով էլ այդ երեքը անմիջապես դարձել են ազգային։ Ով որ ռուս մարդկանցից կասի, կգրի կամ կանի իրենը, ''իր'' անկապտելի և չընդօրինակված մի որևէ բանը, նա անխուսափելիորեն դաոնում է ազգային, թեկուզև նա ռուսերեն վատ խոսելիս լինի։ Դա ինձ համար աքսիոմա է։ Բայց մեր խոսակցությունն սկսվել էր ոչ գրականությունից, մենք խոսել սկսեցինք սոցիալիստների մասին, և նրանց պատճառով խոսակցություն ծագեց, դե, ուրեմն ես պնդում եմ, որ մենք չունենաք ոչ մի ռուս սոցիալիստ. չունենք և չենք ունեցել, որովհետև մեր բոլոր սոցիալիստները նույնպես կալվածատերերից ու սեմինարիստներից են։ Մեր բոլոր ճանաչված, ազդարարված սոցիալիստները, ինչպես այստեղի, այնպես էլ արտասահմանյան, ավելին չեն, քան ճորտատիրական իրավունքի ժամանակների կալվածատիրական միջավայրից դուրս ելած լիբերալներ։ Ի՞նչ եք ծիծաղում։ Տվեք ինձ նրանց գրքերը, տվեք ինձ նրանց ուսմունքները, նրանց մեմուարները, և ես, չլինելով գրաքննադատ, հանձն եմ առնում ձեզ համար գրել ամենահամոզիչ գրական քննադատություն, որում ցերեկվա պես պարզ ապացուցեմ, որ նրանց գրքերի, բրոշյուրների, մեմուարների ամեն մի էջը գրել է ամենից առաջ նախկին ռուս կալվածատերը. նրանց զայրույթը, վրդովմունքը, սրամտությունը կալվածատիրական են (նույնիսկ մինչֆամուսովյան)․ նրանց բերկրանքը, նրանց արցունքները իսկական են, թերևս, անկեղծ արցունքներ են, բայց՝ կալվածատիրական։ Կալվածատիրական կամ սեմինարիստական... Դուք դարձյալ ծիծաղում եք, դո՞ւք էլ եք ծիծաղում, իշխան․ նույնպե՞ս համաձայն չեք։
 
Իրոք, բոլորը ծիծաղում էին, քմծիծաղ տվեց նաև իշխանը։
 
— Ես դեռ այդպես ուղղակի չեմ նկարող ասել համաձայն եմ, թե համաձայն չեմ,— արտասանեց իշխանը, հանկարծ դադարելով քմծիծաղ տալուց և ցնցվելով բռնված աշակերտի պես,— բայց հավատացնում եմ ձեզ, որ ձեզ ունկնդրում եմ մեծ բավականությամբ․․․
 
Այդ ասելիս, նա համարյա շնչահեղձ էր լինում և նույնիսկ սառը քրտինքը պատեց նրա ճակատը։ Դրանք առաջին բառերն էին, որ նա արտասանեց այն ժամանակից ի վեր, ինչ այստեղ նստած էր։ Նա փորձեց շուրջը նայել, բայց չհամարձակվեց․ Եվգենի Պավլովիչը որսաց նրա շարժումը և ժպտաց։
 
— Ես ձեզ, պարոնայք, մի փաստ կասեմ,— շարունակում էր նա առաջվա եղանակով, այսինքն՝ կարծես թե արտասովոր հափշտակությամբ ու եռանդով, բայց միևնույն ժամանակ համարյա ծիծաղելով գուցե հենց իր իսկ խոսքերի վրա,— մի փաստ, որի դիտումը, նույնիսկ հայտնագործումը ես պատիվ ունեմ վերագրելու ինձ, և նույնիսկ միմիայն ինձ. համենայն դեպս այդ մասին դեռևս ոչ մի տեղ ասված կամ գրված չի եղել։ Այդ փաստի մեջ արտահայտվում է այն կարգի ռուս լիբերալիզմի ամբողջ էությունը, որի մասին ես խոսում եմ։ Նախ և առաջ, ի՞նչ բան է լիբերալիզմը, եթե ընդհանրապես ասելու լինենք, եթե ոչ հարձակում (խելացի, թե սխալ՝ դա ուրիշ հարց է) գոյություն ունեցող իրերի կարգի վրա։ Այնպես չէ՞։ Դե, ուրեմն, իմ փաստը կայանում է նրանում, որ ռուս Լիբերալիզմը հարձակում չէ գոյություն ունեցող իրերի կարգի վրա, այլ հարձակում է մեր իրերի բուն էության վրա, բուն իրերի վրա, այլ ոչ թե միայն կարգերի վրա, ոչ թե ռուսական կարգերի վրա, այլ բուն Ռուսաստանի վրա։ Իմ լիբերալն այն տեղն է հասել, որ բացասում է բուն Ռուսաստանը, այսինքն՝ ատում և ծեծում է իր մորը։ Ռուսական ամեն մի դժբախտ և անհաջող փաստ նրա մեջ ծիծաղ և համարյա հիացմունք է հարուցում։ Նա ատում է ժողովրդական սովորույթները, ռուսաց պատմությունը, ամեն ինչ։ Եթե նրա համար արդարացում կա, ապա, թերևս, այն բանում, որ նա չի հասկանում, թե ինչ է անում և Ռուսաստանի նկատմամբ ունեցած իր ատելությունը ընդունում է որպես ամենաբեղմնավոր լիբերալիզմ (o՜, դուք հաճախ կհանդիպեք մեզանում լիբերալի, որին ծափահարում են մյուսները և որը, կարող է պատահել, ըստ էության, ամենաանհեթեթ, ամենաբութ ու վտանգավոր կոնսերվատորն է, և ինքը չգիտի այդ)։ Դեպի Ռուսաստանն ունեցած այդ ատելությունը, դեռևս ոչ այնքան վաղուց, մեր որոշ լիբերալներ քիչ էր մնում համարեին իսկական սեր դեպի հայրենիքը և պարծենում էին նրանով, որ ուրիշներից լավ են տեսնում, թե ինչումն է կայանալու այդ սերը. բայց հիմա արդեն ավելի անկեղծ են դարձել և նույնիսկ սկսել են ամաչել «հայրենիքի սեր» բառից, նույնիսկ այդ հասկացությունն են վանել ու վերացրել, որպես վնասակար ու չնչին։ Սա ճիշտ փաստ է, ես դա պնդում եմ և... չէ՞ որ երբևէ պետք էր արտահայտել լիովին, պարզ ու անկեղծ ասել ճշմարտությունը․ բայց միևնույն ժամանակ այս փաստն այնպիսին է, որպիսին ոչ մի տեղ և երբեք դարերից ի վեր և ոչ մի ժողովրդի մեջ չի եղել ու չի պատահել, ուրեմն և նշանակում է, որ դա պատահական փաստ է և կարող է անցնել, ես համաձայն եմ։ Ոչ մի տեղ չի կարող լինել այնպիսի լիբերալ, որն ատեր բուն հայրենիքը։ Իսկ ինչո՞վ բացատրել այդ ամենը մեզանում։ Հենց նույն բանով, ինչ և առաջ, նրանով, որ ռուս լիբերալը առայժմ ռուս լիբերալ չէ. կարծում եմ՝ ուրիշ ոչնչով։
 
— Այն ամենը, ինչ ասացիր, ես իբրև կատակ եմ ընդունում, Եվգենի Պավլովիչ,— լրջորեն առարկեց իշխան Շչ֊ն։
 
— Ես բոլոր լիբերալներին չեմ տեսել և հանձն չեմ առնում դատել,― ասաց Ալեքսանդրա Իվանովնան,— բայց ձեր միտքը վրդովմունքով լսեցի, դուք վերցրել եք մասնավոր դեպքը և ընդհանուր կանոնի վերածել, նշանակում է, զրպարտում էիք։
 
— Մասնավոր դե՞պք։ Ա-ա՜։ Խոսքն ասված է,— վրա բերեց Եվգենի Պավլովիչը։— Ի՞նչ եք կարծում, իշխան, սա մասնավո՞ր դեպք է, թե ոչ։
 
— Ես էլ պետք է ասեմ, որ ես քիչ եմ տեսել և քիչ եմ եղել... լիբերալների հետ,— ասաց իշխանը,— բայց ինձ թվում է, որ դուք, գուցե, որոշ չափով իրավացի եք, և որ այն ռուսական լիբերալիզմը, որի մասին դուք խոսում էիք, իրոք մասամբ հակված է ատելու բուն Ռուսաստանը, և ոչ թե միայն նրա իրերի կարգը։ Իհարկե, դա միայն մասամբ իհարկե, դա ոչ մի կերպ չի կարող բոլորի համար արդարացի լինել...
 
Նա կարկամեց ու խոսքը չավարտեց։ Չնայած իր ողշ հուզմունքին, նա չափազանց հետաքրքրված էր խոսակցությամբ։ Իշխանը մի առանձնահատուկ գիծ ուներ, որը ուշադրության արտասովոր միամտությունն էր, որով նա միշտ ունկնդրում էր իրեն հետաքրքրած որևէ բան, և միամտությունը պատասխանների, որ նա տալիս էր, երբ ընդսմին նրան դիմում էին հարցերով։ Նրա դեմքին և նույնիսկ իրանի դիրքի մեջ մի տեսակ արտացոլում էր այդ միամտությունը, ոչ ծաղրի, ոչ հումորի կասկած տանող այդ հավատը։ Ու թեպետ Եվգենի Պավլովիչը արդեն վաղուց նրան դիմում էր ոչ այլ կերպ, քան որոշ առանձնահատուկ քմծիծաղով, բայց հիմա, նրա պատասխանի ժամանակ, մի տեսակ շատ լուրջ նայեց նրան, կարծես նրանից բոլորովին չէր սպասում այդպիսի պատասխան։
 
— Բայց... ահա թե դուք ինչ տարօրինակ...― ասաց նա,— և իսկապե՞ս դուք ինձ լուրջ էիք պատասխանում, իշխան։
 
— Իսկ մի՞թե դուք լուրջ չէիք հարցնում,— առարկեց իշխանը զարմացած։
 
Բոլորը ծիծաղեցին։
 
— Նրան հավա՜տ ընծայեք,― ասաց Ադելաիդան,— Եվգենի Պավլովիչը միշտ և ամենքին հիմարացնում է։ Եթե իմանայիք երբեմն ինչե՜ր է պատմում ամենայն լրջությամբ։
 
― Իմ կարծիքով սա ծանր խոսակցություն է, և լավ կլիներ, բոլորովին չսկսեինք,— խստորեն նկատեց Ալեքսանդրան,— ուզում էինք զբոսանքի գնալ...
 
— Եվ գնանք, հիանալի երեկո է,— բացականչեց Եվգենի Պավլովիչը,— բայց որպեսզի ձեզ ապացուցեմ, որ այս անգամ խոսում էի միանգամայն լուրջ, և, գլխավորը, որպեսզի դա ապացուցեմ իշխանին, (դուք, իշխան, ինձ չափազանց հետաքրքրեցիք, և երդվում եմ ձեզ, որ ես դեռ բոլորովին այնքան դատարկ մարդ չեմ, ինչպիսին անպայման պետք է որ թվամ, թեև իրոք ես դատարկ մարդ եմ), և... եթե թույլ տաք, պարոնայք, ևս մի վերջին հարց կտամ իշխանին, սեփական հետաքրքրությունից մղված, դրանով էլ կվերջացնենք։ Այդ հարցը, կարծես դիտմամբ երկու ժամ առաջ մտքովս անցավ (տեսնո՞ւմ եք, իշխան, երբեմն ես էլ եմ լուրջ հարցերի մասին խորհում). ես այդ հարցը վճռել եմ, բայց տեսնենք, ինչ կասի իշխանը։ Հիմա ասացին «մասնավոր դեպքի» մասին։ Այդ բանը մեզանում շատ նշանակալից է, դա հաճախ է լսվում։ Նորերս բոլորը խոսում և գրում էին վեց հոգու այդ սարսափելի սպանության մասին այդ․․․ երիտասարդի կողմից, և դատապաշտպանի տարօրինակ ճառի մասին, որտեղ ասվում է, որ հանքագործի աղքատ վիճակում բնականորեն նրա մտքով պետք է անցներ սպանել այդ վեց հոգուն։ Դա ոչ տառացիորեն, Բայց իմաստը, կարծեմ դա է կամ մոտենում է դրան։ Իմ անձնական կարծիքով, դատապաշտպանն այդպիսի տարօրինակ միտք հայտնելիս լիովին համոզված էր, որ ասում է ամենալիբեբալ, ամենամարդասիրական և առաջադիմական մի բան, ինչպիսին միայն կարելի է ասել մեր ժամանակներում։ Դե, ուրեմն ինչպե՞ս է ձեր կարծիքով. հասկացությունների և համոզմունքների այդ խեղաթյուրումը, գործի նկատմամբ այդպիսի ծուռ ու երևելի հայացքի հնարավորությունը արդյոք մասնավո՞ր, թե ընդհանուր դեպք է։
 
Բոլորը հռհռացին։
 
— Մասնավոր, հասկանալի է, մասնավոր,— ծիծաղեցին Ալեքսանդրան և Ադելաիդան։
 
— Եվ թույլ տուր նորից հիշեցնելու, Եվգենի Պավլովիչ,— ավելացրեց իշխան Շչ-ն,— որ քո կատակն արդեն չափազանց մաշված է։
 
— Ի՞նչ եք կարծում, իշխան,― մինչև վերջ չլսեց Եվգենի Պավլովիչը, որսալով իշխան Լև Նիկոլաևիչի՝ իր վրա հառած հետաքրքիր ու լուրջ հայացքը։— Ձեզ ինչպե՞ս է թվում, սա մասնավո՞ր, թե ընդհանուր դեպք է։ Խոստովանում եմ, հենց ձեզ համար էի հորինել այս հարցը։
 
— Ոչ, մասնավոր չի,— ցածրաձայն, բայց հաստատուն ասաց իշխանը։
 
— Ներեցեք, Լև Նիկոլաևիչ,— մի քիչ սրտնեղած գոչեց իշխան Շչ֊ն,— մի՞թե չեք տեսնում, որ նա ձեզ ծուղակն է գցում. նա ուղղակի ծիծաղում է և միտքը դրել է հենց ձեզ ծաղքի առարկա դարձնել։
 
— Ես կարծում էի, Եվգենի Պավլովիչը լուրջ էր խոսում,— կարմրեց իշխանը և աչքերը խոնարհեց։
 
— Սիրելի իշխան,— շարունակում էր իշխան Շչ֊ն,— մտաբերեք, ինչի մասին էինք խոսում մի անգամ ես և դուք, մոտ երեք ամիս առաջ. մենք խոսում էինք հենց այն մասին, որ մեր նորաբաց երիտասարդ դատարաններում արդեն կարելի է ցույց տալ այնքա՜ն հիանալի և տաղանդավոր պաշտպանների։ Իսկ ատենակալների որրա՜ն վերին աստիճանի հիանալի վճիռներ կան։ Ինչպե՜ս էիք ուրախանում դուք ինքներդ և ինչպես էի այն ժամանակ ես ուրախանում ձեր ուրախության վրա... մենք ասում էինք, որ կարող ենք հպարտանալ․․․ իսկ այդ անճարպիկ պաշտպանությունը, այդ տարօրինակ փաստարկը, իհարկե, պատահականություն է, միավոր է հազարների մեջ։
 
Իշխան Լև Նիկոլաևիչը մտածեց, բայց ամենահամոզված տեսքով, թեև կամացուկ և նույնիսկ կարծես վեհերոտ արտասանելով, պատասխանեց.
 
— Ես միայն ուզում էի ասել, որ գաղափարների և հասկացությունների խեղաթյուրումը (ինչպես արտահայտվեց Եվգենի Պավլովիչը) շատ հաճախ է պատահում, շատ ավելի ընդհանուր, քան մասնավոր դեպք է, դժբախտաբար։ Եվ այն աստիճան, որ եթե այդ խեղաթյուրումը այդպիսի ընդհանուր դեպք չլիներ, ապա, կարող է պատահել, չէին լինի այդպիսի անհնարին ոճրագործություններ, ինչպիսին դրանք են...
 
— Անհնարին ոճրագործություննե՞ր։ Բայց հավատացնում եմ ձեզ, որ ճիշտ նույնպիսի ոճրագործություններ և, գուցե, ավելի սարսափելի, առաջ էլ էին լինում, և միշտ եղել են, և ոչ միայն մեզանում, այլ ամենուրեք, և, իմ կարծիքով, դեռևս շատ երկար կկրկնվեն։ Տարբերությունն այն է, որ առաջ հրապարակայնությունը մեզանում ավելի քիչ էր, իսկ հիմա սկսել են բարձրաձայն խոսել և նույնիսկ գրել դրանց մասին, դրա համար էլ թվում է, թե այդ ոճրագործները միայն հիմա են հայտնվել։ Ահա թե որն է ձեր սխալը, չափազանց միամիտ սխալը, իշխան, հավատացնում եմ ձեզ,― հեգնորեն ժպտաց իշխան Շչ-ն։
 
— Ես ինքս գիտեմ, որ առաջ էլ շատ են եղել ոճրագործություններ և նույնքան սարսափելի. ես դեռ նորերս եղել եմ բանտերում և ինձ հաջողվել է ծանոթանալ մի քանի ոճրագործների և մեղադրյալների հետ։ Կան նույնիսկ ավելի սարսափելի ոճրագործներ, քան դա, որոնք առանց որևէ զղջման սպանել են տասական մարդ։ Բայց ահա թե ես ինչ եմ նկատել ընդսմին, որ ամենաանուղղելի և անզիջում մարդասպանը, համենայն դեպս, գիտի, որ ինքը ''ոճրագործ է'', այսինքն՝ խղճի մտոք համարում է, որ լավ բան չի արել, թեև առանց որևէ զղջման։ Եվ այդպես է նրանցից ամեն մեկը. բայց ախր սրանք, որոնց մասին սկսեց խոսել Եվգենի Պավլովիչը, նույնիսկ չեն ուզում իրենց ոճրագործ համարել և իրենց մեջ մտածում են, որ իրավունք ունեն և... նույնիսկ լավ են արել, այսինքն՝ համարյա թե այդպես։ Իմ կարծիքով, ահա հենց սա է սարսափելի տարբերությունը։ Եվ նկատի առեք, այդ բոլորը երիտասարդությունն է, այսինքն՝ հենց այնպիսի հասակը, որում ամենից ավելի հեշտ ու անպաշտպան կերպով կաբելի է ընկնել գաղափարների խեղաթյուրման մեջ։
 
Իշխան Շչ֊ն այլևս չէր ծիծաղում և տարակուսանքով լսեց իշխանին։ Ալեքսանդրա Իվանովնան, որը վաղուց արդեն ուզում էր ինչ֊որ դիտողություն անել, լռեց, կարծես ինչ֊որ առանձնահատուկ միտք նրան ետ պահեց։ Իսկ Եվգենի Պավլովիչը իշխանին նայում էր բացահայտ զարմանքով և այս անգամ արդեն առանց որևէ քմծիծաղի։
 
— Այդ ինչո՞ւ եք այդպես զարմանում նրա վրա, տեր իմ, — անսպասելիորեն միջամտեց Լիզավետա Պրոկոֆևնան նա ձեզանից հիմա՞ր է, թե ինչ, որ ձեր կարծիքով չէր կարող դատողություն անել։
 
— Ոչ, դրա վրա չեմ զարմանում,― ասաց Եվգենի Պավլովիչը,— միայն թե ինչպե՞ս դուք, իշխան (ներեցեք հարցիս համար), եթե դա այդպես տեսնում ու նկատում եք, ապա ինչպե՞ս դուք (ներեցեք ինձ կրկին) այդ տարօրինակ գործում... այ, որ օրերս եղավ... Բուրդովսկու, կարծեմ... դուք ինչպե՞ս չնկատեցիք գաղափարների և բարոյական համոզմունքների նույնպիսի խեղաթյուրում։ Ախր ճիշտ և ճիշտ նույնպիսի։ Ինձ այն ժամանակ թվաց, թե դուք բոլորովին չնկատեցիք։
 
— Ահա թե ինչ, սիրելիս,— տաքացավ Լիզավետա Պրոկոֆևնան,— ահա մենք բոլորս նկատեցինք, այստեղ նստել ու պարծենում ենք նրա առաջ, իսկ ահա նա այսօր նամակ է ստացել նրանցից մեկից, ամենագլխավորից, պզուկավորից, հիշո՞ւմ ես, Ալեքսանդրա։ Նա նամակում ներողություն է խնդրում իշխանից, թեպետև իր ձևով, և հայտնում է, որ այն ընկերոջը թողել է, որն այն ժամանակ հրահրում էր սրան, հիշո՞ւմ ես, Ալեքսանդրա, և որ հիմա իշխանին ավելի է հավատում։ Դե, իսկ մենք դեռ այդպիսի նամակ չենք ստացել, թեև սովոր ենք քթներս ցցել նրա մոտ։
 
— Իսկ Իպոլիտը հիմա նույնպես փոխադրվել է մեր ամառանոցը,— բղավեց Կոլյան։
 
— Ինչպե՜ս, արդեն այստե՞ղ է,— անհանգստացավ իշխանը։
 
— Նոր էիք գնացել Լիզավետա Պրոկոֆևնայի հետ, որ շնորհ բերեց, ես փոխադրեցի նրան։
 
— Դե, գրազ կգամ,— ուղղակի եռ եկավ հանկարծ Լիզավետա Պրոկոֆևնան, բոլորովին մոռանալով, որ հենց նոր գովում էր իշխանին,— գրազ կգամ, որ նա երեկ գնացել է նրա ձեղնահարկը և ծնկաչոք ներողություն է խնդրել նրանից, որ այդ չար չարասիրտը արժանացնի այստեղ փոխադրվելու։ Այդպե՞ս է, թե ոչ։ Ծունկի եկե՞լ ես, թե ոչ։
 
— Բոլորովին չի եկել,— բղավեց Կոլյան,— այլ բոլորովին ընդհակառակը, Իպոլիտը երեկ բռնեց իշխանի ձեռքը և երկու անգամ համբուրեց, ես ինքս տեսա, դրանով էլ վերջացավ ամբողջ բացատրությունը, բացի նրանից, որ իշխանը ուղղակի ասաց, որ Իպոլիտի համար ամառանոցում ավելի հեշտ կլինի և նա իսկույն համաձայնեց տեղափոխվել հենց որ դրությունը լավանա։
 
— Դուք զուր եք, Կոլյա...— փնթփնթաց իշխանը, վեր կենալով ու գլխարկը վերցնելով,— ինչո՞ւ եք պատմում, ես․․․
 
— Այդ ո՞ւր,— ետ պահեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 
― Մի անհանգստացեք, իշխան,— շարունակեց բորբոքված Կոլյան,— մի գնացեք և մի անհանգստացրեք նրան, նա ճանապարհից հոգնած քնել է. նա շատ ուրախ է, և գիտե՞ք, իշխան, իմ կարծիքով շատ ավելի լավ է, եթե այսօր չհանդիպեք, նույնիսկ հետաձգեցեք մինչև վաղը, թե չէ նա նորից անհարմար կզգա իրեն։ Նա քիչ առաջ ասում էր, որ արդեն ամբողջ կես տարի է, իրեն այդպես լավ և ուժի եկած չի զգացել. նույնիսկ հազում է եռակի պակաս։
 
Իշխանը նկատեց, որ Ագլայան հանկարծ դուրս եկավ իր տեղից և մոտեցավ սեղանին։ Իշխանը չէր համ արձակվում նայել նրան, բայց ամբողջ էությամբ զգում էր, որ այդ ակնթարթին Ագլայան նայում է նրան և, գուցե, նայրւմ է սպառնագին, որ նրա սև աչքերում անպայման զայրույթ կա, և դեմքը բռնկվել է։
 
— Իսկ ինձ թվում է, Նիկոլայ Արդալիոնովիչ, որ նրան իզուր եք փոխադրել այստեղ, եթե նա հենց այն թոքախտավոր տղան է, որն այն ժամանակ լաց եղավ և կանչում էր իր թաղմանը,― նկատեց Եվգենի Պավլովիչը,― նա այն ժամանակ այնպես արտահայտիչ էր խոսում հարևան տան պատի մասին, որ անպայման կկարոտի այդ պատին, համոզված եղեք։
 
— Ճիշտ ասաց. կկռվի, կխռովի հետդ ու կմեկնի, ահա քեզ ամբողջ պատմությունը։
 
Եվ Լիզավետա Պրոկոֆևնան արժանապատվությամբ մոտ քաշեց իր ձեռագործի զամբյուղը, մոռանալով, որ բոլորն արդեն վեր էին կենում զբոսանքի գնալու։
 
— Ես հիշում եմ, որ նա այդ պատով շատ էր պարծենում,— վրա բերեց նորից Եվգենի Պավլովիչը,— առանց այդ պատի նա չի կարող պերճախոսորեն մեռնել, իսկ նա շատ է ուզում պերճախոսորեն մեռնել։
 
— Հետո՞ ինչ,— փնթփնթաց իշխանը։— Եթե դուք չեք ուզենա նրան ներել, նա առանց ձեզ էլ կմեռնի... հիմա նա ծառերի համար է տեղափոխվել։
 
— Օ, իմ կողմից ես նրան ամեն ինչ ներում եմ, կարող եք սա հայտնել նրան։
 
— Դա այդպես չպետք է հասկանալ,— կամացուկ և կարծես ակամա պատասխանեց իշխանը, շարունակելով նայել հատակի վրա մի կետի և աչքերն առանց բարձրացնելու պետք է այնպես, որ դուք էլ համաձայնեք ընդունել նրա ներումը։
 
— Իսկ ե՞ս այստեղ ինչ գործ ունեմ։ Ես ինչո՞վ եմ մեղավոր նրա առաջ։
 
— Եթե չեք հասկանում, ապա․․․ բայց չէ՞ որ դուք հասկանում եք, նա այն ժամանակ ուզում էր ձեզ բոլորին օրհնել և ձեզնից օրհնություն ստանալ, ահա և բոլորը․․․
 
— Սիրելի իշխան,— մի տեսակ վախվխելով վրա բերեց իշխան Շչ֊ն, հայացք փոխանակելով ներկաներից մի քանիսի հետ,— երկրային դրախտը հեշտությամբ չի հաջողվում, իսկ դուք համենայն դեպս մի քիչ հույս եք դնում դրախտի վրա, դրախտը դժվար բան է, իշխան, շատ ավելի դժվար, քան թվում է ձեր սքանչելի սրտին։ Վերջ տանք, ավելի լավ է, թե չէ մենք բոլորս նորից անհարմար դրության մեջ կընկնենք և այն ժամանակ․․․
 
— Գնանք երաժշտություն լսելու,— կտրուկ ասաց Լիզավետա Պրոկոֆևնան, բարկացած վեր կենալով տեղից։
 
Նրա հետևից վեր կացան բոլորը։
 
=== II ===
 
Իշխանը հանկարծ մոտեցավ Եվգենի Պավլովիչին։
 
— Եվգենի Պավլովիչ,— ասաց նա տարօրինակ տաքարյունությամբ բռնելով նրա ձեռքը,— համոզված եղեք, որ ես ձեզ համարում եմ ամենաազնիվ ու լավ մարդը, չնայած ոչ մի բանի, համոզված եղեք դրանում․․․
 
Եվգենի Պավլովիչը զարմանքից նույնիսկ մի քայլ ետ գնաց։ Մի վայրկյան նա զսպում էր ծիծաղի անտանելի նոպան․ բայց ավելի ուշադիր նայելով, նա նկատեց, որ իշխանը կարծես թե իրեն կորցրել էր, համենայն դեպս ինչ-որ առանձնահատուկ վիճակում էր։
 
— Գրազ կգամ,— բացականչեց նա,— որ դուք, իշխան, բոլորովին ուրիշ բան էիք ուզում ասել և, կարող է պատահել, բոլորովին էլ ոչ ինձ․․․ բայց ձեզ ի՞նչ է պատահել։ Վատ չե՞ք զգում արդյոք։
 
— Կարող է պատահել, շատ կարող է պատահել, և դուք շատ նրբորեն նկատեցիք, որ, գուցե, ձեզ չէի ուզում մոտենալ ես։
 
Այդ ասելով, նա մի տեսակ տարօրինակ և նույնիսկ ծիծաղելի ժպտաց, բայց հանկարծ, ասես բորբոքվելով, բացականչեց.
 
— Ինձ մի հիշեցրեք իմ երեք օր առաջվա արարքը։ Ես շատ էի ամաչում այս երեք օրը... ես գիտեմ, որ մեղավոր եմ...
 
— Բայց... բայց ի՞նչ մի սարսափելի բան եք արել դուք։
 
— Ես տեսնում եմ, որ դուք, գուցե, բոլորից ավելի եք ամաչում իմ փոխարեն, Եվգենի Պավլովիչ. դուք շիկնում եք, դա սքանչելի սրտի հատկությունն է։ Ես հիմա կգնամ, համոզված եղեք։
 
— Այդ ի՞նչ է ասում։ Նրա նոպաներն այդպե՞ս են սկսվում, թե ինչ,— վախեցած դիմեց Լիզավետա Պրոկոֆևնան Կոլյային։
 
— Ուշադրություն մի դարձրեք, Լիզավետա Պրոկոֆևնա, սա նոպա չի. ես հիմա կգնամ։ Ես գիտեմ, որ բնությունն ինձ նեղացրել է։ Ես քսանչորս տարի հիվանդ եմ եղել, ծնված օրից մինչև քսանչորս տարեկան հասակս։ Հիմա էլ իբրև հիվանդ ընդունեցեք։ Ես հիմա կգնամ, հիմա, համոզված եղեք։ Ես չեմ կարմրում, որովհետև չէ՞ որ տարօրինակ կլիներ դրա համար կարմրելը, ճիշտ չէ՞, բայց հասարակության մեջ ես ավելորդ եմ․․․ Սա ինքնասիրությունից չեմ ասում։ Ես այս երեք օրը մտածում էի և որոշեցի, որ ազնվորեն ու անկեղծորեն պետք է տեղեկացնեմ ձեզ առաջին իսկ դեպքում։ Կան այնպիսի գաղափարներ, կան վսեմ գաղափարներ, որոնց մասին ես չպետք է սկսեմ խոսել, որովհետև անպայման բոլորի ծիծաղը կշարժեմ. իշխան Շչ֊ն այդ մասին ինձ հիշեցրեց հիմա... Ես չունեմ վայելուչ ժեստ, չափի զգացում չունեմ, իմ խոսքերն ուրիշ են, և ոչ թե մտքին համապատասխան, իսկ դա ստորացում է այդ մտքերի համար։ Դրա համար էլ ես իրավունք չունեմ... ըստ որում ես կասկածամիտ եմ, ես․․․ ես համոզված եմ, որ այս տանը չեն կարող ինձ նեղացնել և ավելի են սիրում, քան արժանի եմ, բայց ես գիտեմ (ախր ես հաստատ գիտեմ), որ հիվանդության քսան տարուց հետո անպայման ինչ֊որ բան պետք է մնացած լիներ, այնպես որ չի կարելի ինձ վրա չծիծաղել... երբեմն... այնպես չէ՞։
 
Նա շուրջը նայելով, կարծես թե սպասում էր պատասխանի ու վճռի։ Բոլորը ծանր տարակուսանքի մեջ էին այդ անսպասելի, հիվանդագին և, թվում է, համենայն դեպս պատճառազուրկ արարմունքից։ Բայց այդ արարմունքը մի տարօրինակ միջադեպի առիթ տվեց։
 
— Ինչո՞ւ եք դուք դա ասում այստեղ,— հանկարծ ճչաց Ագլայան,— ինչո՞ւ եք դա ''սրա՛նց'' ասում։ Սրա՛նց։ Սրա՛նց։
 
Թվում էր, նա վրդովմունքի ծայր աստիճանին էր հասել, նրա աչքերը կայծեր էին արձակում։ Իշխանը կանգնել էր նրա առաջ լուռ ու անձայն և հանկարծ գունատվեց։
 
— Այստեղ ոչ մեկը չկա, որ արժանի լինի այդպիսի խոսքերի,— պոռթկաց Ագլայան,— այստեղ բոլորը, բոլորը չարժեն ձեր ճկույթին, ոչ ձեր խելքին, ոչ սրտին։ Դուք բոլորից ազնիվ եք, բոլորից ազնվաբարո, բոլորից լավ, բոլորից բարի, բոլորից խելացի։ Այստեղ կան մարդիկ, որ անարժան են կռանալու և բարձրացնելու ձեր թաշկինակը, որ հիմա վայր գցեցիք... էլ ինչո՞ւ եք ձեզ ստորացնում և բոլորից ցած դասում։ Ինչո՞ւ ամեն ինչ աղավաղել եք ձեր մեջ, ինչո՞ւ ձեր մեջ հպարտություն չկա։
 
— Տե՜ր իմ, ո՞ւմ մտքով կանցներ,— ձեռներն իրար խփեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 
― Աղքատ ասպե՜տ։ Ուռա՜,— հափշտակությամբ բղավեց Կոլյան։
 
― Լռո՜ւմ ձք... Ինչպե՞ս են համարձակվում վիրավորել ինձ այստեղ՝ ձեր տանը,— հանկարծ հարձակվեց Ագլայան Լիզավետա Պրոկոֆևնայի վրա, արդեն այն հիստերիկ վիճակում, երբ չեն նայում ոչ մի սահմանի և անցնում են բոլոր արգելքներից։— Ինչո՞ւ ինձ բոլորը, բոլորը մինչև վերջինը, տանջում են։ Ինչո՞ւ նրանք, իշխան, ամբողջ երեք օր օձիքիցս են կպել ձեր պատճառով։ Ես ոչ մի դեպքում չեմ ամուսնանա ձեզ հետ։ Իմացեք, որ ոչ մի դեպքում և երբե՛ք։ Իմացե՜ք այդ։ Մի՞թե կարելի է ձեզ նման ծիծաղելիի հետ ամուսնանալ։ Դուք հիմա հայելու մեջ նայեցեք ձեզ, ի՜նչ տեսք ունեք հիմա։ Ինչո՞ւ, ինչո՞ւ են նրանք ինձ ձեռ առնում, թե ես կամուսնանամ ձեզ հետ։ Դուք պետք է որ իմանաք այդ։ Դուք էլ դավադրության մեջ եք նրանց հետ։
 
— Ոչ ոք երբեք ձեռ չի առել,— վախեցած քրթմնջաց Ադելաիդան։
 
— Ոչ ոքի մտքով չի անցել, այդպիսի խոսք չի ասվել,— բացականչեց Ալեքսանդրա Իվանովնան։
 
― Ո՞վ է նրան ձեռ առել։ Ե՞րբ են ձեռ առել։ Ո՞վ կարող է դա ասել նրան։ Նա զառանցո՞ւմ է, թե ոչ,— զայրույթից դողալով, դիմում էր բոլորին Լիզավետա Պրոկոֆևնան։
 
— Բոլորն ասում էին, բոլորը, մինչև վերջինը, ամբողջ երեք օր։ Ես երբեք, երբեք չեմ ամուսնանա նրա հետ։
 
Ճչալով այդ, Ագլայան դառն արցունք թափեց, դեմքը ծածկեց թաշկինակով և ընկավ աթոռին։
 
— Բայց նա քեզ դեռ չի էլ խնդ...
 
— Ես ձեզ չեմ խնդրել, Ագլայա Իվանովնա,― հանկարծ դուրս թռավ իշխանի բերանից։
 
― Ի֊ի՜նչ,― զարմացած, զայրացած, սարսափած ծոր տվեց հանկարծ Լիզավետա Պրոկոֆևնան,— ինչ ա֊սա֊ցի՞ր։
 
Նա իր ականջներին չէր ուզում հավատալ։
 
— Ես ուզում էի ասել... ես ուզում էի ասել,— սկսեց դողդողալ իշխանը,— ես ուզում էի միայն պարզաբանել Ագլայա Իվանովնային... այդպիսի պատիվ ունենալ բացատրելու, որ ես բնավ մտադրություն չունեի... պատիվ ունենալ նրա ձեռքը խնդրելու․․․ նույնիսկ երբևիցե... ես այստեղ ոչնչով մեղավոր չեմ, աստված վկա մեղավոր, չեմ, Ագլայա Իվանովնա։ Ես երբեք չեմ ուզել, և երբեք մտքումս չի եղել, երբեք չեմ ուզի, ինքներդ կտեսնեք, համողվա՛ծ եղեք։ Այստեղ որևէ չար մարդ ինձ զրպարտել է ձեր առաջ։ Հանգի՜ստ եղեք։
 
Այդ ասելով նա մոտեցավ Ագլայային։ Սա հեռացրեց թաշկինակը, որով ծածկել էր երեսը, արագ նայեց իշխանին, նրա ողջ վախեցած կերպարանքին, ըմբռնեց նրա խոսքերը և հանկարծ ուղղակի հռհռաց նրա երեսին, այնպիսի ուրախ ու անզուսպ հռհռոցով, այնպիսի ծիծաղաշարժ ու ծաղրալի ծիծաղով, որ Ադելաիդան առաջինը չդիմացավ, մանավանդ, երբ նույնպես նայեց իշխանին, նետվեց դեպի գրկեց նրան և հռհռաց նույնպիսի անզուսպ, աշակերտական ուրախ ծիծաղով, ինչպես և նա։ Սրանց նայելով, հանկարծ ժպտալ սկսեց և իշխանը և ուրախ ու երջանիկ արտահայտությամբ սկսեց կրկնել.
 
— Դե, փա՛ռք աստծու, փա՛ռք աստծու։
 
Այստեղ արդեն չդիմացավ և Ալեքսանդրան և սկսեց ամբողջ սրտով հռհռալ։ Թվում էր, բոլոր երեքի այդ ծիծաղը վերջ չի ունենա։
 
— Այ քեղ խելագարնե՜ր,— փնթփնթաց Լիզավետա Պրոկոֆևնան,— մեկ վախեցնում են, մեկ էլ...
 
Բայց արդեն ծիծաղում էր նաև իշխան Շչ֊ն, ծիծաղում էր և Եվգենի Պավլովիչը, առանց լռելու հռհռում էր Կոլյան, բոլորին նայելով, հռհռում էր նաև իշխանը։
 
— Գնանք զբոսանքի, գնանք զբոսանքի,― բղավում էր Ադելաիդան,— բոլորս միասին և անպայման իշխանն էլ մեզ հետ. կարիք չկա, որ գնաք, դուք, սիրելի մարդ։ Ի՜նչ հաճելի մարդ է նա, Ագլայա։ Այնպես չէ՞, մայրիկ։ Համ էլ ես պետք է անպայման, անպայման համբուրեմ նրան և գրկեմ նրան Ագլայայի հետ հիմա ունեցած նրա բացատրության համար։ Maman, սիրելիս, թույլ կտա՞ք համբուրել նրան։ Ագլայա, թույլ տուր համբուրեմ ''քո'' իշխանին,— բղավեց չարաճճին և իրոք մոտ թռավ իշխանին ու համբուրեց նրա ճակատը։ Սա բռնեց Ադելաիդայի ձեռները, պինդ սեղմեց, այնպես, որ Ադելաիդան քիչ մնաց ճչար, անսահման ուրախությամբ նայեց նրան և հանկարծ նրա ձեռքը արագ մոտեցրեց շրթունքներին և երեք անգամ համբուրեց։
 
— Դե գնա՜նք,— կանչում էր Ագլայան։— Իշխան, դուք կուղեկցեք ինձ։ Կարելի՞ է դա, maman։ Ինձ մերժող փեսային։ Չէ՞ որ դուք առհավետ հրաժարվեցիք ինձնից, իշխան։ Այդպես չէ, այդպե՛ս չեն առաջարկում ձեռքը դամային, մի՞թե չգիտեք, թե ինչպես պետք է թևանցուկ անել դամային։ Ահա այսպես, գնանք, մենք կգնանք բոլորի առջևից․ ուզո՞ւմ եք գնալ բոլորի առջևից, tête-à-tête։
 
Նա խոսում էր անընդհատ, դեռ շարունակ ծիծաղի պոռթկումներով։
 
— Փա՜ռք աստծու, փա՜ռք աստծու,— կրկնում էր Լիզավետա Պրոկոֆևնան, ինքն էլ չիմանալով, թե ինչի վրա է ուրախանում։
 
«Շատ տարօրինակ մարդիկ են»,― մտածեց իշխան Շչ֊ն, գուցե արդեն հարյուրերորդ անգամ այն ժամանակից ի վեր, որ մտերմացել էր նրանց հետ, բայց... նրան դուր էին գալիս այդ տարօրինակ մարդիկ։ Ինչ վերաբերում է իշխանին, ապա, թերևս, նա այնքան էլ դուր չէր գալիս նրան։ Իշխան Շչ-ն փոքր֊ինչ խոժոռված և կարծես մտահոգված էր, երբ բոլորը դուրս եկան զբոսանքի։
 
Եվգենի Պավլովիչը, թվում է, ամենաուրախ տրամադրության մեջ էր, մինչև կայարան ամբողջ ճանապարհին ծիծաղեցնում էր Ալեքսանդրային և Ադելաիդային, որոնք արդեն ինչ-որ չափազանց առանձնահատուկ պատրաստակամությամբ էին ծիծաղում նրա կատակների վրա, այն աստիճան, որ նա մի քիչ սկսեց կասկածել, որ նրանք գուցե բոլորովին էլ չեն լսում իրեն։ Այդ մտքից նա հանկարծ և առանց պատճառը բացատրելու, վերջապես, սկսեց սաստիկ ու բոլորովին անկեղծ քրքջալ (այդպես էր նրա բնավորությունը)։ Քույրերը, որոնք, ի դեպ, ամենատոնական տրամադրության մեջ էին, անընդհատ նայում էին առջևից գնացող Ագլայային ու իշխանին. երևում էր, որ կրտսեր քույրիկը նրանց առաջ մեծ հանելուկ էր դրել։ Իշխան Շչ֊ն շարունակ ջանում էր խոսակցություն սկսել Լիզավետա Պրոկոֆևնայի հետ կողմնակի նյութերի մասին, գուցե նրան զբաղեցնելու համար, և սարսափելի ձանձրացրեց նրան։ Թվում է, նրա բոլոր մտքերը ջարդուփշուր էին եղել, անպատեհ պատասխաններ էր տալիս և երբեմն էլ բոլորովին չէր պատասխանում։ Բայց Ագլայա Իվանովնայի հանելուկները այդ երեկո դեռ չէին վերջացել։ Վերջին հանելուկը արդեն բաժին ընկավ միայն իշխանին։ Երբ ամառանոցից մոտ հարյուր քայլ հեռացել էին, Ագլայան արագ կիսաշշուկով ասաց իր համառորեն լոող կավալերին.
 
— Նայեցեք դեպի աջ։
 
Իշխանը նայեց։
 
— Ուշադիր նայեցեք։ Տեսնո՞ւմ եք այն նստարանը զբոսայգում, ահա որտեղ այն երեք մեծ ծառերն են... կանաչ նստարանը։
 
Իշխանը պատասխանեց, որ տեսնում է։
 
— Ձեզ գուր գալի՞ս՝ է տեղադրությունը։ Ես երբեմն վաղ, ժամը մոտավորապես առավոտվա յոթին, երբ բոլորը դեռ քնած են, գալիս եմ այստեղ մենակ նստելու։
 
Իշխանը մրթմրթաց, որ տեղադրությունը սքանչելի է։
 
— Իսկ հիմա գնացեք իմ մոտից, ես այլևս չեմ ուզում ձեզ հետ թևանցուկ գնալ։ Կամ ավելի լավ է, քայլեցեք թևանցուկ, բայց ինձ հետ ոչ մի խոսք մի փոխանակեք։ Ես ուզում եմ մենակ մտածել ինքս ինձ համար...
 
Բոլոր դեպքերում զուր նախազգուշացում․ իշխանը հավանաբար առանց հրամանի էլ ամբողջ ճանապարհին ոչ մի բառ չէր արտասանի։ Նրա սիրտը ուժգին թրթռաց, երբ նա լսեց նստարանի մասին։ Մի րոպե անց նա ուշքի եկավ և ամոթով վանեց իր անհեթեթ միտքը։
 
Պավլովսկյան կայարանում լի օրերը, ինչպես հայտնի է, և համենայն դեպս ինչպես բոլորը հաստատում են, «ավելի ընտիր» հասարակություն է հավաքվում, քան կիրակի և տոն օրերին, երբ քաղաքից հավաքվում գալիս են «ամեն տեսակ մարդիկ»։ Հագուստները տոնական չեն, բայց նրբագեղ են։ Հաճելի է հավաքվել երաժշտություն լսելու։ Նվագախումբը՝ գուցե մեր զբոսայգիների նվագախմբերից իրոք լավագույնը, նվագում է նոր բաներ։ Պարկեշտությունն ու պատշաճությունը լինում է արտասովոր, չնայած ընտանեկանության ու նույնիսկ մտերմիկության որոշ ընդհանուր տեսքին։ Ծանոթները, բոլորը հովեկներ, հավաքվում են իրար երես տեսնելու։ Շատերը դա անում են իսկական բավականությամբ և գալիս են միայն դրա համար, բայց կան և այնպիսիները, որոնք գալիս են միայն երաժշտության համար։ Սկանդալները արտասովոր կերպով քիչ են, թեև, սակայն, լինում են նաև լի օրերը։ Բայց չէ՞ որ առանց դրա անհնար է։
 
Այս անգամ երեկոն սքանչելի էր և ժողովուրդ էլ բավականաչափ կար։ Նվագախմբի մոտի բոլոր տեղերը գրավված էին։ Մեր խումբը տեղավորվեց փոքր֊ինչ մի կողմ դրված աթոռների վրա, կայարանի ամենաձախակողմյան ելքին մոտիկ։ Ամբոխը, երաժշտությունը որոշ չափով աշխուժացրին Լիզավետա Պրոկոֆևնային և զվարճացրին օրիորդներին, որոնք կարողացան հայացքներ փոխանակել ծանոթներից ոմանց հետ և հեռվից սիրալիր գլուխ տալ ոմանց. ժամանակ գտան զննելու հագուստները, նկատելու որոշ տարօրինակություններ, իրար հետ խոսել այդ մասին, ծաղրական ժպտալ։ Եվգենի Պավլովիչը նույնպես շատ հաճախ ողջույններ էր տալիս-առնում։ Ագլայայի և իշխանի վրա, որոնք դեռ միասին էին, ոմանք արդեն ուշադրություն դարձրին։ Շուտով մայրիկին և օրիորդներին մոտեցան ծանոթ երիտասարդներից ոմանք. երկուսը թե երեքը մնացին զրուցելու. բոլորը բարեկամ էին Եվգենի Պավլովիչին։ Նրանց մեջ էր գտնվում մի երիտասարդ ու շատ գեդեցիկ սպա, շատ ուրախ, շատ զրուցասեր. նա շտապեց խոսակցություն սկսել Ագլայայի հետ և ամբողջ ուժով ջանում էր իր վրա հրավիրել նրա ուշադրությունը։ Ագլայան նրա հետ վարվում էր շատ ողորմածաբար և չափազանց ծիծաղկոտ էր։ Եվգենի Պավլովիչը թույլտվություն խնդրեց իշխանից՝ վերջինիս այդ բարեկամի հետ ծանոթացնելու․ իշխանը հազիվ հասկացավ, թե ինչ են ուզում իրենից, բայց ծանոթությունը կայացավ, երկուսն էլ իրար ողջունեցին ու միմյանց ձեռք մեկնեցին։ Եվգենի Պավլովիչի բարեկամը մի հարց տվեց, բայց իշխանը, կարծես, դրան չպատասխանեց կամ այն աստիճան տարօրինակ մի բան ծամծմեց ինքն իրեն, որ սպան նայեց նրան շատ ուշադիր, հետո նայեց Եվգենի Պավլովիչին, անմիջապես հասկացավ, թե նա ինչու էր հնարել այդ ծանոթացումը, թեթևակի քմծիծաղ տվեց և նորից դարձավ Ագլայային։ Միայն Եվգենի Պավչովիչը նկատեց, որ այդ ժամանակ Ագլայան հանկարծ շիկնեց։
 
Իշխանը նույնիսկ այն էլ չէր նկատում, որ ուրիշները խոսում ու սիրաբանում են Ագլայայի հետ, նույնիսկ րոպեներ էին լինում, երբ նա մոռանում էր, որ ինքն էլ նստած է նրա կողքին։ Երբեմն նա ուզում էր գնալ մի տեղ, բոլորովին չքանալ այստեղից, և նույնիսկ նրան դուր կգար մռայլ, ամայի մի տեղ, միայն թե մենակ լիներ իր մտքերի հետ, և որպեսզի ոչ ոք չիմանար, թե նա որտեղ է գտնվում։ Կամ գոնե իր տանը լիներ, պատշգամբում, բայց այնպես, որ այդտեղ ոչ ոք չլիներ, ոչ Լեբեդևը, ոչ երեխաները։ Նետվեր իր բազմոցին, գլուխը թաղեր բարձի մեջ և այդպես պառկած մնար մի օր, մի գիշեր, էլի մի օր։ Որոշ վայրկյաններ նա երազում էր և լեռների մասին, և հատկապես մի ծանոթ կետի մասին լեռներում, որը նա միշտ սիրում էր մտաբերել և ուր սիրում էր գնալ, երբ դեռ այնտեղ էր ապրում, և այնտեղիը ցած նայել գյուղին, ներքևում հազիվ առկայծող ջրվեժի բարակ թելին, սպիտակ ամպերին, լքված հին ամրոցին։ Օ՜, ինչպես էր ուզում նա հիմա այնտեղ հայտնվել և մտածել մի բանի մասին, օ՜, ամբողջ կյանքում միայն այդ մասին, և հազար տարվա համար հերիք էր։ Եվ թող, թող այստեղ նրան բոլորովին մոռանան։ Օ, դա նույնիսկ պետք է, նույնիսկ ավելի լավ է, եթե բոլորովին չճանաչեին նրան և այդ ամբողջ տեսիլը լիներ միայն երազում։ Եվ մի՞թե միևնույն չէ, երազո՞ւմ, թե արթմնի։ Երբեմն նա հանկարծ հինգական րոպե նայում էր Ագլայային և հինգական րոպե հայացքը չէր կտրում նրա երեսիը. բայց նրա հայացքը խիստ տարօրինակ էր. թվում էր, նա Ագլայային նայում էր ինչպես իրենից երկու վերստ հեռու գտնվող առարկայի, կամ կարծես նրա պատկերին, և ոչ թե հենց իրեն։
 
— Ի՞նչ եք այդպես նայում ինձ, իշխան,— ասաց նա հանկարծ, ընդհատելով զվարթ խոսակցությունն ու ծիծաղը շրջապատոզների հետ։— Ես ձեզնից վախենում եմ, ինձ շարունակ թվում է, թե դուք ուզում եք մեկնել ձեր ձեռքը և մատներով դիպչել երեսիս՝ շոշափելու համար։ Ճիշտ չէ՞, Եվգենի Պավլիչ, նա այդպես է նայում։
 
Իշխանը լսեց, թվում է, զարմացած, որ իրեն դիմեցին, գլխի ընկավ, թեև, գուցե, լիովին չհասկացավ, չպատասխանեց, բայց տեսնելով, որ Ագլայան և բոլորը ծիծաղում են, հանկարծ բերանը բացեց ու սկսեց ինքն էլ ծիծաղել։ Շուրջը ծիծաղը սաստկացավ. սպան, ըստ երևույթին ծիծաղկոտ մարդ, ուղղակի փռթկաց ծիծաղից։ Ագլայան հանկարծ զայրագին շշնջաց ինքն իրեն.
 
— Ապո՛ւշ։
 
— Տե՜ր իմ։ Մի՞թե նա դրա նմանին... մի՞թե նա բոլորովին խելքը կթռցնի,— ինքն իրեն կրճտացրեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 
— Դա կատակ է։ Դա նույն կատակն է, ինչ որ այն ժամանակ «աղքատ ասպետը»,― հաստատ շշնջաց նրա ականջին Ալեքսանդրան,— և ուրիշ ոչինչ։ Ագլայան, յուրովի, նրան նորից ձեռ է առնում։ Միայն թե շատ հեռու է գնացել այդ կատակը. դրան պետք է վերջ տալ, maman։ Քիչ առաջ նա դերասանուհու պես ծամածռվում էր, չարաճճիության համար մեզ վախեցրեց․․․
 
— Դեռ չավ է, որ այդպիսի ապուշի է հանդիպել,— շշուկով պատասխանեց նրան Լիզավետա Պրոկոֆևնան ։ Աղջկա դիտողությունը համենայն դեպս թեթևացրեց նրան։
 
Իշխանը, սակայն, լսեց, թե ինչպես իրեն ապուշ անվանեցին, և ցնցվեց, բայց ոչ նրանից, որ իրեն ապուշ անվանեցին։ «Ապուշը» նա իսկույն մոռացավ։ Բայց ամբոխի մեջ, իր նստած տեղից ոչ հեռու, ուր-որ կողքից,― նա ոչ մի դեպքում չէր կարողանա ցույց տալ, ստույգ որտեղ և որ կետում,— երևաց մի դեմք, գունատ դեմք՝ թուխ գանգուր մազերով, ծանոթ, շատ ծանոթ ժպիտով ու հայացքով, երևաց ու անհայտացավ։
 
Շատ հնարավոր է, որ դա միայն թվաց նրան, ամբողջ տեսիլքից նրա տպավորության մեջ մնացին ծուռ ժպիտը, աչքերը և պճնամոլի բաց-կանաչ փողկապը, աչքին երևացած պարոնի վզին։ Արդյոք ամբոխի մե՞ջ կորավ այդ պարոնը, թե վստաց կայարան, իշխանը նույնպես չէր կարող որոշել։
 
Բայց մի րոպե անց նա հանկարծ արագ և անհանգիստ սկսեց շուրջը նայել. այդ առաջին տեսիլը կարող էր երկրորդ տեսիլի նախագուշակն ու նախակարապետը լինել։ Դա հաստատ պետք է լիներ։ Մի՞թե նա մոռացել էր հնարավոր հանդիպման մասին, երբ գալիս էին կայարան։ Ճիշտ է, երբ նա գալիս էր կայարան, այնպիսի վիճակում էր, որ կարծես նույնիսկ բոլորովին չգիտեր, թե այստեղ է գալիս։ Եթե նա իմանար կամ կարողանար ավելի ուշադիր լինել, ապա դեռ քառորդ ժամ առաջ կարող կլիներ նկատել, որ Ագլայան մեկ-մեկ և նույնպես կարծես թե անհանգստացած հարևանցի նայում էր չորս կողմը, կարծես նույնպես շուրջը ինչ֊որ բան էր փնտրում։ Հիմա, երբ իշխանի անհանգստությունը շաա նկատելի դարձավ, աճեց Ագլայայի հուզմունքն ու անհանգստությունը, և հենց իշխանը ետ էր նայում, գրեթե անմիջապես ետ էր նայում և Ագլայան։ Տագնապի լուծումը շուտով վրա հասավ։
 
Կայարանի հենց այն կողքի ելքից, որին մոտիկ տեղավորվել էին իշխանն ու Եպանչինների ամբողջ խումբը, հանկարծ առնվազն տասը հոգուց բաղկացած մի ողջ ամբոխ երևաց։ Ամբոխի առջևում երեք կին կար. նրանցից երկուսը զարմանալի գեղեցիկ էին և ոչ մի տարօրինակ բան չկար, որ նրանց հետևից այդքան երկրպագուներ են շարժվում։ Բայց թե՛ երկրպագուները, թե՛ կանայք՝ այդ բոլորը ինչ֊որ առանձնահատուկ բան էր, որ բոլորովին նման չէր երաժշտության համար հավաքված մյուս ամբողջ հասարակությունը։ Նրանց անմիջապես նկատեցին գրեթե բոլորը, բայց մեծ մասամբ աշխատում էին ցույց տալ, թե նրանց բոլորովին չեն տեսնում, և լոկ երիտասարդներից մի քանիսը ժպտացին նրանց վրա, կիսաձայն ինչ֊որ բան հաղորդելով միմյանց։ Նրանց բոլորովին չտեսնել չկր կարելի. նրանք բացահայտորեն ազդարարում էին իրենց մասին, խոսում էին բարձրաձայն, ծիծաղում։ Կարելի էր ենթադրել, որ նրանցից շատերը խմած էին, թեև մի քանիսը պճնագեղ ու նուրբ կոստյումներով էին. բայց հենց նրանց հետ կային և շատ տարօրինակ արտաքինով մարդիկ, տարօրինակ հագուստով, տարօրինակ բորբոքված հայացքներով, նրանց մեջ կային մի քանի զինվորականներ, կային և ոչ երիտասարդներ. կային շքեղ ու հարմարաձև հագնվածներ, լայն և նուրբ կարված զգեստներով, մատանիներով ու ճարմանդներով, հոյակապ ձյութասև կեղծամներով և այտամորուսներով և դեմքի առանձնահատուկ ազնվաբարո, թեև մի քիչ զզվանք արտահայտող տեսքով, որպիսի մարդկանցից, սակայն, հասարակության մեջ խուսափում են ինչպես ժանտախտից։ Մեր արտաքաղաքային հավաքույթների մեջ, իհարկե, լինում են և այնպիսիները, որ աչքի են ընկնում արտասովոր վայելչությամբ և առանձնապես լավ համբավ ունեն. բայք ամենազգույշ մարդն էլ չի կարող պաշտպանվել հարևան տան կտուրից ցած ընկնող աղյուսից։ Հենց այդ աղյուսը հիմա պատրաստվում էր ընկնել երաժշտության շուրջը հավաքված վայելուչ հասարակության գլխին։
 
Որպեսզի կայարանից անցնեն այն հրապարակը, որտեղ նվագախումբն է տեղավորված, պետք է ցած իջնել երեք աստիճան։ Հենց այդ աստիճանների մոտ կանգ առավ ամբոխը. ցած իջնել սիրտ չէր անում, բայց կանանցից մեկն առաջ անցավ. շքախմբից նրան հետևել համարձակվեցին միայն երկուսը։ Մեկը բավական համեստ տեսքով միջին տարիքի մարդ էր, ամեն տեսակետից կարգին արտաքինով, բայց իսկական մենակյացի տեսքով, այսինքն' այնպիսինեբից, որոնք երբեք ոչ ոքի չեն ճանաչում և որոնց ոչ ոք չի ճանաչում։ Մյուսը, որ ետ չէր մնացել իր դամայից, ամենաերկիմաստ տեսքով, բոլորովին գջլոտի մեկն էր։ Ուրիշ ոչ ոք չգնաց էքսցենտրիկ տիկնոջ հետևից. բայց, ցած իջնեչով, նա նույնիսկ ետ չնայեց, կարծես նրա համար բոլորովին մեկ էր, արդյոք գալի0ս են իբ հետևից, թե ոչ։ Նա ծիծաղում և առաջվա պես բարձրաձայն խոսում էր։ Նա հագնված էր արտասովոր ճաշակով ու հարուստ, բայց մի քիչ ավելի շքեղ, քան պետք էր։ Նա նվագախմբի մոտով ուղղվեց հրապարակի մյուս կողմը, որտեղ ճանապարհի մոտ ինչ-որ մեկի կառքը սպասում էր մեկին։
 
Իշխանը ''նրան'' չէր տեսել արդեն ավելի քան երեք ամիս։ Պետերբուրգ գալուց հետո այդ բոլոր օրերը նա պատրաստվում էր նրա մոտ գնալ, բայց գուցե թաքուն նախազգացումը ետ էր պահում իշխանին։ Համենայն դեպս նա ոչ մի կերպ չէր կարող կռահել առաջին տպավորությունը ''նրա'' հետ հանդիպելիս, այնինչ իշխանը երբեմն սարսափով ճգնում էր պատկերացնել դա։ Մի բան պարզ էր նրա համար, որ հանդիպումը ծանր կլինի։ Այս վեց ամսվա ընթացքում նա մի քանի անգամ մտաբերել էր այն առաջին զգացողությունը, որ նրա մեջ առաջացրել էր այդ կնոջ դեմքը, երբ նա դեռևս միայն պատկերն էր տեսել, բայց նույնիսկ նկարից ստացած տպավորության մեջ, մտաբերում էր նա, շատ ծանր բան կար։ Այն ամիսը գավառում, երբ իշխանր գրեթե ամեն օր տեսնվում էր նրա հետ, իշխանի վրա սոսկալի ազդեցություն էր թողել, այն աստիճան, որ իշխանը երբեմն իրենից վանում էր այդ ոչ վաղուցվա հիշողությունն անգամ։ Այդ կնոջ բուն դեմքին իշխանի համար միշտ ինչ-որ տանջալի բան կար, Ռոգոժինի հետ խոսելիս նա այդ զգացումը բացատրեց որպես անսահման խղճահարության զգացմունք, և դա ճիշտ էր, այդ դեմքը, դեռ պատկերի միջից, իշխանի սրտում առաջացնում էր խղճահարության մի ամբողջ տառապանք, այդ էակի համար բարեկցության, նույնիսկ տառապանքի զգացումը երբեք չէր հեռանում նրա սրտից, չհեռացավ և հիմա։ Օ, ոչ, նույնիսկ ավելի ուժգին էր։ Բայց Ռոգոժինին ասածից իշխանը դժգոհ էր մնացել. և միայն հիմա, նրա անակնկալ հայտնվելու, այդ ակնթարթին, իշխանը, գուցե, անմիջական զգացողությամբ հասկացավ, թե ինչն էր պակասում Ռոգոժինին ասած իր խոսքերում։ Պակասում էին այն խոսքերը, որոնք կարող լինեին սարսափ արտահայտել. այո, սարսա՜փ։ Նա հիմա, այս րոպեիս, լիովին զգում էր այդ սարսափը. նա հավատացած էր, լիովին համոզված էր, իր հատուկ պատճառներով, որ այդ կինը խելագար է։ Եթե մարդ, սիրելով մի կնոջ աշխարհում ամեն ինչից ավելի կամ կանխաճաշակելով այդպիսի սիրո հնարավորությունը, հանկարծ նրան տեսնի շղթայակապ, երկաթե վանդակի հետևում, վերակացուի մահակի տակ, ապա այդպիսի տպավորությունը մի քիչ նման կլիներ այն տպավորությանը, որ հիմա զգաց իշխանը։
 
— Ձեզ ի՞նչ է պատահել,— արագ շշնջաց Ագլայան, նայելով նրան և միամտորեն ձիգ տալով նրա թևը։
 
Նա գլուխը շրջեց Ագլայայի կողմը, նայեց նրան, նայեց նրա սև, այդ րոպեին իշխանի համար անհասկանալիորեն փայլող աչքերի մեջ, փորձեց ժպտալ նրան, բայց հանկարծ, վայրկենաբար մոռանալով նրան, նորից աչքերը հառեց դեպի աջ և նորից սկսեց հետևել իր արտակարգ տեսիլին։ Նաստասյա Ֆիլիպովնան այդ րոպեին անցնում էր հենց օրիորդների աթոռների մոտով։ Եվգենի Պավլովիչը շարունակում էր ըստ երևույթին շատ ծիծաղելի և հետաքրքիր մի բան պատմել Ալեքսանդրա Իվանովնային, ասում էր արագ ու ոգևորված։ Իշխանը հիշում էր, որ Ագլայան հանկարծ կիսաշշուկով արտասանեց. «ինչպիսի...»։
 
Անորոշ ու թերասած մի բառ. Ագլայան վայրկենաբար զսպեց իրեն և այլևս ոչինչ չավելացրեց, բայց այդքանն արդեն բավական էր։ Նաստասյա Ֆիլիպովնան, որ անցնում էր կարծես թե հատկապես չնկատելով որևէ մեկին, հանկարծ շուռ եկավ նրանց կողմը և կարծես թե նոր միայն նկատեց Եվգենի Պավլովիչին։
 
— Վ-վա՛հ։ Տեսեք, ահա նա՜,— բացականչեց նա, հանկարծ կանգ առնելով,— մեկ ոչ մի սուրհանդակով գտնել չես կարող, մեկ էլ կարծես դիտմամբ նստում է այնտեղ, որտեղ մտքովդ էլ չի անցնի... Ախր ես կարծում էի, թե դու այնտեղ ես... հորեղբորդ մոտ։
 
Եվգենի Պավլովիչը բռնկվեց, կատաղի նայեց Նաստասյա Ֆիլիպովնային, բայց նորից արագ շրջվեց նրանից։
 
— Ի՞նչ։ Մի՞թե չգիտես։ Պատկերացրեք, նա դեռ չգիտի՜։ Ինքնասպա՜ն եղավ։ Այսօր առավոտյան հորեղբայրդ ինքնասպանություն գործեց։ Ինձ դեռ այն ժամանակ, ժամը երկուսին ասացին. հիմա քաղաքի կեսն արդեն գիտի, ասում են պետական երեք հարյուր հիսուն հազարը չկա, իսկ ոմանք էլ ասում են՝ հինգ հարյուր հազար։ Այնինչ ես շարունակ հույս ունեի, թե դեռ քեզ ժառանգություն կթողնի. ամբողջը քամուն է տվել։ Շատ անառակ ծերունի էր... Դե, մնաս բարով, bonne chance<ref>Ցանկանում եմ հաջողություն (ֆրանս.)։
</ref>! Մի՞թե չես գնա։ Ահա՜ թե ինչու ժամանակին պաշտոնաթող եղար, խորամա՜նկ։ Ղատարկ բա՜ն է, գիտեիր, գիտեիր վաղօրոք, գուցե դեռ երեկվանից գիտեիր...
 
Թեև լկտիաբար օձիքից կպչելը, ծանոթություն ու մտերմություն (որոնք չկային) ցուցադրելն անպայման նպատակ ուներ և հիմա դրանում արդեն ոչ մի կասկած չէր կարող լինել, բայց Եվգենի Պավլովիչը սկզբում մտածում էր օձիքն ազատել հենց այնպես, որևէ կերպ և ինչ ուզում է լինի, չնկատել իրեն վիրավորողին։ Բայց Նաստասյա Ֆիլիպովնայի խոսքերը որոտի պես ճայթեցին նրա գլխին. լսելով հորեղբոր մահվան մասին, նա քաթանի պես գունատվեց և դարձավ դեպի լրաբերը։ Այդ րոպեին Լիզավետա Պրոկոֆևնան տեղից վեր կացավ, իր հետևից վեր հանեց բոլորին և համարյա փախավ այդ տեղից։ Միայն իշխան Լև Նիկոլաևիչը մի վայրկյան մնաց տեղում, ասես անվճռականության մեջ, մեկ էլ Եվգենի Պավլովիչն էր դեռ կանգնել՝ ուշքի չեկած։ Բայց Եպանչինները դեռ չէին հասցրել քսան քայլ անել, երբ սարսափելի սկանդալ բռնկվեց։
 
Եվգենի Պավլովիչին շատ մտերիմ սպան, որ զրուցում էր Ագլայայի հետ, ծայրահեղորեն վրդովված էր։
 
— Այստեղ ուղղակի մտրակ է պետք, այլ կերպ վարվել չի լինի այս անպատկառի հետ,— գրեթե բարձրաձայն ասաց նա։ (Նա կարծես առաջ էլ Եվգենի Պավլովիչի կոնֆիդենտն<ref>Կոնֆիդենտ (ֆրանկ. confident-ից) — հավատարմատար։
</ref> էր):
 
Նաստասյա Ֆիլիպովնան վայրկենաբար շուռ եկավ դեպի նա։ Նրա աչքերը փայլատակեցին։ Նա նետվեց իրենից երկու քայլ հեռու կանգնած և բոլորովին անծանոթ մի երիտասարդի կողմը, որը ձեռքին բռնած ուներ մի բարալիկ հյուսած ճիպոտ, դուրս կորզեց դա նրա ձեռքից և ամբողջ ուժով շեղակի մտրակեց իրեն վիրավորողի դեմքին։ Այդ բոլորը կատարվեց մի ակնթարթում... Սպան, իրեն կորցրած, հարձակվեց նրա վրա. Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ արդեն չկար նրա շքախումբը, միջին տարիքի վայելուչ պարոնը արդեն հասցրել էր աննկատելի կերպով բոլորովին անհայտանալ, իսկ քեֆը չաղ պարոնը կանգնել էր մի կողմ և ամբողջ ուժով հռհռում էր։ Մի րոպե անց, իհարկե, կհայտնվեր ոստիկանությունը, բայց այդ րոպեին վատ կլիներ Նաստասյա Ֆիլիպովնայի գործը, եթե վրա չհասներ անակնկալ օգնությունը. իշխանը, որ նույնպես կանգ էր առել երկու քայլ հեռու, հասցրեց հետևից բռնել սպայի ձեռքերը։ Իր ձեռքը կորզելով, սպան ուժեղ հրեց նրա կրծքին. իշխանը մի երեք քայլ ետ թռավ ու ընկավ աթոռին։ Բայց արդեն հայտնվել էին Նաստասյա Ֆիլիպովնայի ևս երկու պաշտպան։ Հարձակվող սպայի առաջ կանգնած էր բռնցքամարտիկը, ընթերցողին հայտնի հոդվածի հեղինակը և ռոգոժինյան առաջվա խմբի իսկական անդամը։
 
— Կե՛լլեր։ Պաշտոնաթող պորուչիկ,— ներկայացավ նա ցուցամոլությամբ։— Կամենում եք ձեռնամարտ, կապիտան, ուրեմն, փոխարինելով թույլ սեռին, ձեր տրամադրության տակ եմ. անցել եմ ամբողջ անգլիական բռնցքամարտը։ Մի բոթբթեք, կապիտան, կարեկցում եմ ''արյունալի'' վիրավորանքի համար, բայց չեմ կարող թույլ տալ բռունցքի իրավունքը մի կնոջ հետ, հասարակության աչքի առաջ։ Իսկ եթե, ինչպես վայել է ամենաազնվագույն անձնավորությանը ուրիշ ձևով, ապա, հասկանալի է, պետք է որ ինձ հասկանաք, կապիտան...
 
Բայց կապիտանն արդեն ուշքի էր եկել և արդեն չէր լսում նրան։ Այդ րոպեին ամբոխի միջից հայտնված Ռոգոժինը թևանցուկ արեց Նաստասյա Ֆիլիպովնային և տարավ նրան իր հետևից։ Իր հերթին Ռոգոժինը թվում էր սարսափելի ցնցված, գունատ էր և դողում էր։ Հեռացնելով Նաստասյա Ֆիլիպովնային, նա համենայն դեպս հասցրեց չար ծիծաղել սպայի երեսին և հաղթանակած քարվանսարայի առևտրականի պես ասաց.
 
— Թո՛ւ։ Ի՜նչ ստացար։ Մռո՛ւթդ արյունոտեցի՜ր։ Թո՛ւ։
 
Ուշքի գալով և լիովին գլխի ընկնելով, թե ում հետ գործ ունի, սպան քաղաքավարի (ի դեպ, երեսը թաշկինակով ծածկած) դիմեց իշխանին, որն արդեն վեր էր կացել աթոռից.
 
— Իշխան Մի՞շկինն եք, որի հետ ծանոթանալու հաճույքն ունեցա։
 
— Նա խելագա՜ր է։ Ցնորվա՜ծ։ Հավատացնում եմ ձեզ,— պատասխանեց իշխանը դողդոջուն ձայնով, չգիտես ինչու նրան պարզելով իր գողացող ձեռքերը։
 
— Ես, իհարկե, չեմ կարող պարծենալ այդպիսի տեղեկություններով, բայց ինձ հարկավոր է իմանալ ձեր անունը։
 
Նա գլխով արավ ու հեռացավ։ Ոստիկանությունը վրա հասավ ուղիղ հինգ վայրկյան անց, հենց որ հեռացան վերջին գործող անձինք։ Ասենք, սկանդալը տևեց ընդամենը երկու րոպեից ոչ ավելի։ Հասարակության միջից ոմանք վեր կացան ու հեռացան, ուրիշներ էլ միայն մի տեղից մի ուրիշ տեղ նստեցին, երրորդները շատ ուրախ էին սկանդալի համար, չորրորդները սաստիկ հետաքրքրվեցին ու սկսեցին աշխույժ խոսակցություն։ Մի խոսքով, գործը վերջացավ սովորական ձևով։ Նվագախումբը նորից սկսեց նվագել։ Իշխանը գնաց Եպանչինների հետևից։ Եթե նա կռահեր կամ հասցներ նայել դեպի ձախ, երբ իրեն բոթելուց հետո նստած էր աթոռին, ապա իրենից քսան քայլ հեռու կտեսներ Ագլայային, որը կանգնել էր դիտելու սկանդալի տեսարանը և չէր լսում արդեն հեռու գնացած մոր և քույրերի կանչերը։ Իշխան Շչ-ն, մոտ վազելով վերջապես համոզեց նրան, որ շուտով հեռանա։ Լիզավետա Պրոկոֆևնան մտքում պահեց, որ Ագլայան նրանց մոտ վերադարձավ այնպիսի հուզված վիճակում, որ հազիվ թե լսում էր իրենց կանչերը։ Բայց ուղիղ երկու րոպե հետո, հենց որ մտան զբոսայգի, Ագլայան ասաց իր սովորական անտարբեր ու քմահաճ ձայնով.
 
— Ես ուզում էի տեսնել, թե ինչով կվերջանա կատակերգությունը։
=== III ===
 
Կայարանի դեպքը թե՛ մայրիկին, թե՛ աղջիկներին համարյա սարսափեցրել էր։ Տագնապած ու հուզված՝ Լիզավետա Պրոկոֆևնան ամբողջ ճանապարհը դեպի տուն տառացիորեն համարյա վազում էր աղջիկների հետ։ Ըստ նրա հայացքի ու հասկացողությունների այդ դեպքի մեջ չափազանց շատ բան էր տեղի ունեցել և դրսևորվել, այնպես որ նրա գլխում, չնայած ամբողջ խառնաշփոթությանն ու վախին, արդեն ծնվում էին վճռական մտքեր։ Բայց բոլորը նույնպես հասկանում էին, որ մի առանձնահատուկ բան էր պատահել և, որ, գուցե, բարեբախտաբար, սկսում է բացահայտվել ինչ-որ արտակարգ գաղտնիք։ Չնայած իշխան Շչ-ի առաջվա հավաստիացումներին ու բացատրություններին, Եվգենի Պավլովիչը «հիմա երևան էր հանվել», մերկացվել, բացահայտվել և «օրինական ձևով երևացել են նրա կապերը այդ արարածի հետ»։ Այդպես էր կարծում Լիզավետա Պրոկոֆևնան և նույնիսկ նրա երկու ավագ աղջիկները։ Այդ եզրակացության օգուտն այն էր, որ ավելի շատ հանելուկներ կուտակվեցին։ Աղջիկները թեև իրենց մտքում մասամբ զայրանում էին մայրիկի արդեն չափից ավելի սաստիկ վախի և այդպիսի բացահայտ փախուստի համար, բայց իրարանցման առաջին պահին սիրտ չէին անում հարցերով անհանգըստացնել նրան։ Բացի դրանից, չգիտես ինչու նրանց թվում էր, որ իրենց քույրիկը, Ագլայա Իվանովնան, գուցե այդ գործում ավելին գիտի, քան բոլոր երեքը՝ մայրիկով հանդերձ։ Իշխան Շչ-ն նույնպես մռայլ էր գիշերվա պես և շատ մտախոհ։ Լիզավետա Պրոկոֆևնան ամբողջ ճանապարհին նրա հետ մի խոսք չփոխանակեց, իսկ սա կարծես նույնիսկ չնկատեց այդ։ Ադելաիդան փորձեց նրան հարցնել. «Այդ ի՞նչ հորեղբոր մասին էին խոսում հիմա և ի՞նչ է պատահել այնտեղ Պետերբուրգում»։ Բայց նա ի պատասխան ամենաթթված դեմքով փնթփնթաց շատ անորոշ բան ինչ-որ տեղեկանքների մասին, և որ այդ բոլորը, իհարկե, միայն անհեթեթ բան է։ «Դրանում կասկա՜ծ չկա»,— պատասխանեց Ադելաիդան և այլևս ոչնչի մասին չհարցրեց։ Այնինչ Ագլայան չտեսնված հանգստացել էր և ճանապարհին միայն նկատեց, որ շատ արագ են վազում։ Մի անգամ նա ետ շրջվեց ու տեսավ իշխանին, որը գալիս էր նրանց հետևից։ Նկատելով իրենց հասնելու նրա ջանքերը, Ագլայան ծաղրաբար ժպտաց և արդեն այլևս ետ չէր նայում նրան տեսնելու։
 
Վերջապես համարյա բուն ամառանոցի մոտ հանդիպեց նրանց ընդառաջ եկող Իվան Ֆյոդորովիչը, որ հենց նոր էր վերադարձել Պետերբուրգից։ Նա անմիջապես, առաջին իսկ խոսքից սկսեց հարցուփորձ անել Եվգենի Պավլովիչի մասին։ Բայց կինը սպառնալից անցավ նրա կողքով, առանց պատասխանելու և նույնիսկ առանց նայելու նրան։ Աղջիկների և իշխան Շչ-ի աչքերից նա իսկույն հասկացավ, որ տանը փոթորիկ է։ Բայց առանց այդ էլ նրա սեփական դեմքն արտացոլում էր ինչ-որ արտակարգ անհանգստություն։ Նա իսկույն բռնեց իշխան Շչ-ի թևը, կանգնեցրեց նրան տան մուտքի մոտ և գրեթե շշուկով նրա հետ մի քանի խոսք փոխանակեց։ Երկուսի էլ տագնապած տեսքից, երբ հետո նրանք պատշգամբ բարձրացան և անցան Լիզավետա Պրոկոֆևնայի մոտ, կարելի էր կարծել, որ երկուսն էլ ինչ-որ արտակարգ լուրեր են լսել։ Քիչ-քիչ բոլորը հավաքվեցին Լիզավետա Պրոկոֆևնայի մոտ վերևում, և վերջապես պատշգամբում մնաց մենակ իշխանը։ Նա նստել էր անկյունում, ասես ինչ-որ բանի սպասելով, սակայն, ինքն էլ չիմանալով, թե ինչու, նրա մտքովն էլ չէր անցնում գնալ. տեսնելով տան իրարանցումը, թվում է, նա մոռացել էր ամբողջ տիեզերքը և պատրաստ էր նստած մնալ անընդհատ երկու տարի, որտեղ էլ նրան նստեցնեին։ Վերևից երբեմն նրան էին հասնում տագնապալի խոսակցության արձագանքները։ Նա ինքը չէր կարողանա ասել, որքան ժամանակ էր նստել այստեղ։ Ժամանակն անցնում էր, և բոլորովին մթնեց։ Հանկարծ պատշգամբ գուրս եկավ Ագլայան, արտաքուստ նա հանգիստ էր, թեև փոքր-ինչ գունատ։ Տեսնելով իշխանին, որին «հավանաբար չէր սպասում» հանդիպել այստեղ աթոռին նստած, անկյունում, Ագլայան ժպտաց կարծես տարակուսանքով։
 
— Ի՞նչ եք անում այստեղ,— մոտեցավ նա նրան։
 
Իշխանը շփոթված ինչ֊որ բան փնթփնթաց և վեր թռավ աթոռից, բայց Ագլայան իսկույն նստեց նրա կողքին, նորից նստեց և իշխանը։ Ագլայան հանկարծ, բայց ուշադիր զննեց նրան, հետո լուսամատից դուրս նայեց, կարծես առանց որևէ մտքի, հետո նորից իշխանին։ «Գուցե նա ուղում է ծիծաղել,— անցավ իշխանի մտքով,— բայց ոչ, եթե ուզենար, կծիծաղեր»։
 
— Գուցե թե՞յ եք ուզում, պատվիրեմ,— ասաց Ագլայան քիչ լռելուց հետո։
 
— Ո-ոչ... Ես չգիտեմ...
 
— Մարդ ինչպե՞ս կարող է չիմանալ այդ։ Ախ, հա, լսեցեք, եթե մեկնումեկը ձեզ մենամարտի հրավիրեր, դուք ի՞նչ կանեիք։ Ես դեռ այն ժամանակ էի ուզում հարցնել։
 
— Դե... ո՞վ պիտի... ինձ ոչ ոք մենամարտի չի հրավիրի։
 
— Դե, եթե հրավիրեի՞ն։ Դուք շա՞տ կվախենայիք։
 
— Կարծում եմ, որ շատ... կվախենայի։
 
— Լո՞ւրջ։ Ուրեմն դուք վախկո՞տ եք։
 
— Ո֊ոչ. գուցե և ոչ։ Վախկոտը նա է, ով վախենում և փախչում է, իսկ ով վախենում է, բայց չի փախչում, նա դեռ վախկոտ չէ,— ժպտաց իշխանը փոքր-ինչ մտածելով։
 
— Իսկ դուք չե՞ք փախչի։
 
— Գուցե և չեմ փախչի,— ծիծաղեց նա վերջապես Ագլայայի հարցերի վրա։
 
— Ես թեև կին եմ, բայց ոչ մի դեպքում չէի փախչի,— նկատեց Ագլայան համարյա վիրավորված։— Ասենք, դուք ինձ վրա ծիծաղում եք և ըստ ձեր սովորության կոտրատվում, որպեսզի ավելի հետաքրքիր երևաք. ասացեք, սովորաբար կրակում են տասներկու քայլ հեռավորությունի՞ց։ Ոմանք նաև տա՞սը։ Դա հաստատ նշանակում է սպանվել կամ վիրավորվե՞լ։
 
— Մենամարտերի ժամանակ, ըստ երևույթին, հազվադեպ են կպչում։
 
— Ինչպե՞ս թե հազվադեպ։ Պուշկինին չսպանեցի՞ն։
 
— Դա գուցե պատահական էր։
 
— Բոլորովին պատահական չէր. մահու մենամարտ էր, և սպանեցին։
 
— Գնդակն այնքան ցածր էր կպել, որ, հավանաբար, Դանտեսը նշան էր բռնել ավելի բարձր, կրծքին կամ գլխին, իսկ այնպես, ինչպես այդ գնդակն էր կպել, ոչ ոք նշան չի բռնում, նշանակում է, ամենից հավանականն այն է, որ գնդակը Պուշկինին կպել է պատահաբար, վրիպելուց։ Դա ինձ ասել են լավատեղյակ մարդիկ։
 
— Իսկ գա ինձ մի զինվոր է ասել, որի հետ ես մի անգամ զրուցում էի, որ նրանց դիտմամբ, ըստ կանոնադրության, հրամայված է նշան բռնել, երբ նրանք ցրիվ են գալիս հրաձգության համար, կես-մարդու վրա, նրանց մոտ այդպես էլ ասված է. «կես-մարդու վրա»։ Ահա արդեն, նշանակում է, ոչ թե կրծքին և ոչ թե գլխին, այլ դիտմամբ կես-մարդու վրա է հրամայված կրակել։ Ես հետո հարցրել եմ մի սպայի, նա ասում է, որ դա հենց այդպես է և ճիշտ է։
 
— Դա ճիշտ է, որովհետև հեռու տարածությունից է։
 
— Իսկ դուք կրակել գիտե՞ք։
 
— Ես երբեք չեմ կրակել։
 
— Մի՞թե ատրճանակը լցնել էլ չգիտեք։
 
— Չգիտեմ։ Այսինքն՝ հասկանում եմ, թե դա ինչպես պետք է արվի, բայց երբեք ինքս չեմ լցրել։
 
— Դե, ուրեմն, նշանակում է, որ չգիտեք, որովհետև այստեղ հարկավոր է փորձ։ Լսեցեք ուրեմն և սերտեցեք. նախ և առաջ գնեցեք ատրճանակի լավ վառոդ, թաց չլինի (ասում են, պետք է ոչ թե թաց, այլ շատ չոր), ինչ֊որ մանր, դուք այդպիսին պահանջեցեք, և ոչ թե այնպիսի, որով թնդանոթ են կրակում։ Գնդակն, ասում են, ինչ֊որ ձևով իրենք են ձուլում։ Դուք ատրճանակներ ունե՞ք։
 
— Չունեմ, և հարկավոր չէ,— ծիծաղեց հանկարծ իշխանը։
 
— Ախ, ի՜նչ հիմարություն։ Անպայմա՛ն գնեցեք. լավ, ֆրանսիական կամ անգլիական, դա, ասում են, լավագույններն են։ Հետո վառոդ վերցրեք մի մատնոցաչափ, գուցե երկու մատնոցաչափ, և լցրեք։ Ավելի լավ է շատ լինի։ Ամրացրեք թաղիքով (ասում են, չգիտես ինչու, անպայման թաղիքով), դա կարելի է որևէ աեղից ճարել, որևէ ներքնակից, կամ երբեմն դռները թաղիքով են պատում։ Հետո, երբ կխցկեք թաղիքը, գնդակը դրեք, լսեցի՞ք, գնդակը հետո, իսկ վառոդը առաջ, թե չէ չի կրակի։ Ի՞նչ եք ծիծաղում։ Ես ուզում եմ, որ դուք ամեն օր մի քանի անգամ կրակեք և անպայման սովորեք նշանին կպցնել։ Կանե՞ք։
 
Իշխանը ծիծաղում էր, Ագլայան սրտնեղած ոտքը դոփեց։ Նրա լուրջ տեսքը այդպիսի խոսակցության ժամանակ մի քիչ զարմացրեց իշխանին։ Նա մասամբ զգում էր, որ լավ կլիներ ինքը ինչ֊որ բան իմանար, ինչ֊որ բան հարցներ, համենայն դեպս դրանից ավելի մի լուրջ բան, քան այն, թե ատրճանակն ինչպես են լցնում։ Բայց այդ բոլորը նրա մտքից թռել էր, բացի միայն նրանից, որ իր առաջ նստած է Ագլայան, իսկ ինքը նայում է նրան, իսկ ինչի մասին էլ նա խոսելու լիներ, իշխանի համար այդ րոպեին համարյա միևնույն էր։
 
Վերևից պատշգամբ իջավ, վերջապես, Իվան Ֆյոդորովիչն ինքը. նա ինչ֊որ տեղ էր գնում խոժոռված, մտահոգված ու վճռական տեսքով։
 
— Ա՜, Լև Նիկոլաևիչ դու... հիմա ո՞ւր ես գնալու,— հարցրեց նա, չնայած Լև Նիկոլաևիչի մտքով էլ չէր անցնում տեղից շարժվել,— հապա մի գնանք, ես քեզ մի խոսք կասեմ։
 
— Ցտեսություն,— ասաց Ագլայան և իշխանին պարզեց ձեռքը։
 
Պատշգամբում արդեն բավական մութն էր, իշխանն այդ վայրկյանին բոլորովին պարզ չէր տեսնի նրա դեմքը։ Մի րոպե անց, երբ գեներալի հետ արդեն դուրս էր գալիս ամառանոցից, նա հանկարծ սաստիկ կարմրեց և ամուր սեղմեց իր աջ ձեռքը։
 
Պարզվեց, որ Իվան Ֆյոդորովիչին հարկավոր էր նույն ճանապարհով գնալ. չնայած ուշ ժամին, Իվան Ֆյոդորովիչն շտապում էր ինչ֊որ մեկի հետ ինչ֊որ բանի մասին խոսելու։ Բայց առայժմ նա հանկարծ խոսել սկսեց իշխանի հետ, արագ, տագնապած, բավական անկապ, խոսակցության մեջ հաճախակի հիշատակելով Լիզավետա Պրոկոֆևնային։ Եթե իշխանն այդ րոպեին կարողանար ավելի ուշադիր լինել, ապա նա, գուցե գլխի ընկներ, որ Իվան Ֆյոդորովիչն ուզում է ի միջի այլոց, նրանից էլ ինչ֊որ բան իմանալ կամ, լավ է ասել, ուղղակի ու բացարձակ ինչ֊որ բան հարցնել նրան, բայց շարունակ չի հաջողվում նրան շոշափել ամենագլխավոր կետը։ Համոթ իր, իշխանն այն աստիճան ցրված էր, որ ամենասկզբում նույնիսկ ոչինչ չէր լսում, և երբ գեներալը նրա առաջ կանգ առավ ինչ֊որ տաք֊տաք հարց տալով, նա ստիպված էր խոստովանելու նրան, որ ոչինչ չի հասկանում։
 
Գեներալն ուսերը թոթվեց։
 
— Բոլորդ ինչ֊որ տարօրինակ մարդիկ եք դարձել,— շարունակեց նա նորից խոսել։— Քեզ ասում եմ, որ բոլորովին չեմ հասկանում Լիզավետա Պրոկոֆևնայի մտքերն ու տագնապները։ Նա հիստերիկայի մեջ է և լալիս է, և ասում է, որ մեզ անարգել ու խայտառակել են։ Ո՞վ։ Ինչպե՞ս։ Ո՞ւմ հետ։ Ե՞րբ և ինչո՞ւ։ Ես խոստովանում եմ, մեղավոր եմ (դա վերցնում եմ իմ վրա), շատ մեղավոր եմ, բայց այդ... անհանգիստ (և ի լրումն իրեն վատ պահող) կնոջ համառ հետապնդումները կարող են սահմանափակվել, վերջապես, ոստիկանության կողմից, և ես նույնիսկ այսօր մտադիր եմ որոշ մարդկանց հետ տեսնվել և նախազգուշացնել։ Ամեն ինչ կարելի է սարքել սուսիկ, հեզ, սիրալիր, նույնիսկ ծանոթության միջոցով և բոլորովին առանց սկանդալի։ Համաձայն եմ նույնպես, որ ապագան հղի է իրադարձություններով և որ չպարզաբանված շատ բան կա. այստեղ կա նաև ինտրիգ, բայց եթե այստեղ ոչինչ չգիտեն, այնտեղ դարձյալ ոչինչ բացատրել չեն կարող. եթե ես չեմ լսել, դու չես լսել, նա չի լսել, հինգերորդը նույնպես ոչինչ չի լսել, ապա, վերջ ի վերջո, էլ ո՞վ է լսել, հարցնում եմ քեզ։ Հապա ինչո՞վ բացատրել դա, քո կարծիքով, բացի նրանից, որ բանը կիսով չափ միրաժ է, գոյություն չունի, ինչպես որ, օրինակ, լուսնի լույսը... կամ ուրիշ տեսիլներ։
 
— ''Նա'' ցնորված է,— մրմնջաց իշխանը, հանկարծ ցավով հիշելով քիչ առաջվա ամբողջ անցուդարձը։
 
— Մի խոսքով ասած, եթե դու այդ կնոջ մասին ես ասում։ Մասամբ իմ գլխով էլ այդպիսի միտք էր անցնում և ես հանգիստ քնում էի։ Բայց հիմա տեսնում եմ, որ այստեղ ավելի ճիշտ են մտածում և չեմ հավատում ցնորվածությանը։ Փուչ կին է, ենթադրենք, բայց ընդսմին նույնիսկ սրաթափանց է, ոչ միայն խելագար է։ Այսօրվա արարմունքը Կապիտոն Ալեքսեիչի նկատմամբ դա շատ լավ ապացուցում է։ Նրա կողմից սրիկայական գործ է, այսինքն՝ առնվազն. ճիզվիտական գործ, հատուկ նպատակների համար։
 
— Ի՞նչ Կապիտոն Ալեքսեիչ։
 
— Ախ, աստված իմ, Լև Նիկոլաևիչ, դու ոչինչ չես լսում։ Ես հենց նրանից սկսեցի, որ քեզ հետ խոսք բացի Կապիտոն Ալեքսեիչի մասին, այնպես զարմացած եմ, որ նույնիսկ հիմա ոտ ու ձեռս դողում են։ Դրա համար էլ այսօր ուշ մնացի քաղաքում։ Կապիտոն Ալեքսեիչ Ռադոմսկին, Եվգենի Պավլովիչի հորեղբայրը...
 
— Հե՞,— գոչեց իշխանը։
 
— Ինքնասպանություն է գործել, առավոտյան, լուսաբացին, ժամը յոթին։ Ծերուկ, հարգարժան, յոթանասուն տարեկան, էպիկուրյան,— ու ճիշտ և ճիշտ ինչպես այն կինն էր ասում,— պետական գումար, նշանակալից գումար։
 
— Իսկ այդ նա որտեղի՞ց...
 
— Որտեղից է իմացե՞լ։ Հա՜-հա՜։ Դե ախր նրա շուրջն արդեն մի ամբողջ շտաբ գոյացավ, հենց որ նա հայտնվեց։ Գիտե՞ս նրան հիմա ինչ դեմքեր են այցելում և որոնում «ծանոթանալու այդ պատիվը»։ Բնական է, այն ժամանակ կարող էր եկողներից մի բան իմանալ, որովհետև հիմա արդեն ամբողջ Պետերբուրգը գիտի, և այստեղ կես-Պավլովսկը կամ արդեն նաև ամբողջ Պավլովսկը։ Բայց որքա՜ն նուրբ է նրա դիտողությունը համազգեստի մասին, ինչպես ինձ հաղորդեցին, այսինքն՝ այն մասին, որ Եվգենի Պավլովիչը վաղօրոք հասցրեց պաշտոնաթող լինել։ Այդպիսի՜ դժոխային ակնարկ։ Ոչ, դա խելագարություն չի արտահայտում։ Ես, իհարկե, հրաժարվում եմ հավատալ, որ Եվգենի Պավլովիչը կարող էր առաջուց իմանալ աղետի մասին, այսինքն՝ որ ամսի այսքանին, ժամը յոթին և այլն։ Բայց նա կարող էր այդ ամենը նախազգալ։ Այնինչ ես, այնինչ մենք բոլորս և իշխան Շչ֊ն հույս ունեինք, որ դեռ նա Եվգենի Պավլովիչին ժառանգություն կթողնի։ Օ, սարսա՜փ, սարսա՜փ։ Բայց, հասկացիր, ես Եվգենի Պավլովիչին ոչ մի բանում չեմ մեղադրում և շտապում եմ քեզ բացատրել, բայց և այնպես կասկածելի է։ Իշխան Շչ֊ն անասելի զարմացած է։ Այս ամենը շատ տարօրինակ պատահեց։
 
— Բայց ի՞նչ կասկածելի բան կա Եվգենի Պավլովիչի վարքի մեջ։
 
— Ոչի՛նչ չկա։ Իրեն պահում էր ամենաազնվաբարո ձևով։ Եվ ես ոչինչ չեմ ակնարկել։ Նրա սեփական կարողությունը, կարծում եմ, անվթար է։ Լիզավետա Պրոկոֆևնան, հասկանալի է, լսել անգամ չի ուզում... Բայց գլխավորը, բոլոր այս ընտանեկան աղետներն են, կամ, լավ է ասել, այս բոլոր անախորժությունները, այնպես որ մարդ նույնիսկ չգիտի, թե ինչպես անի... Դու, ճիշտն ասած, տան բարեկամն ես, Լև Նիկոլաևիչ, և պատկերացրու, հիմա պարզվում է, ասենք, թեև ոչ ստույգ, որ իբր արդեն ավելի քան մի ամիս առաջ Եվգենի Պավլովիչը բացատրվել է Ագլայայի հետ և իբր թե նրանից ստացել է պաշտոնական մերժում։
 
— Չի՜ կարող պատահել,— տաք֊տաք բացականչեց իշխանը։
 
— Մի՞թե դու որևէ րան գիտես։ Գիտե՞ս, սիրելիս,— ցնցվեց ու զարմացավ գեներալը, տեղում կանգ առնելով կարծես քարացած,— ես գուցե զուր տեղը և անպատշաճ կերպով քեզ մոտ խոսք թռցրի բերանիցս, բայց ախր դա նրա համար, որ դու... որ դու... կարելի է ասել, այդպիսի մարդ ես։ Գուցե դու որևէ առանձին բա՞ն գիտես։
 
— Ես ոչինչ չգիտեմ... Եվգենի Պավլովիչի մասին,— մրթմրթաց իշխանը։
 
— Ես էլ չգիտեմ։ Ինձ... ինձ, եղբայր, ուզում են ուղղակի հողը դնել և թաղել, և ընդսմին չեն ուզում մտածել, որ դա ծանր է մարդու համար և որ ես դրան չեմ դիմանա։ Հիմա մի այնպիսի տեսարան էր, որ սարսափելի բան։ Ես քեզ ասում եմ ինչպես հարազատ որդուս։ Գլխավորը, Ագլայան կարծես ծիծաղում է մոր վրա։ Այն մասին, որ նա, կարծես, մերժել է Եվգենի Պավլովիչին մոտ մի ամիս առաջ, և որ նրանք բավական պաշտոնական բացատրություն են ունեցել, հայտնել են քույրերը, իբրև կռահում... ի դեպ, հաստատ կռահում։ Բայց ախր նա մի այնպիսի ինքնասածի ու ֆանտաստիկ արարած է, որ պատմել չի լինի։ Բոլոր մեծահոգությունները, սրտի և մտքի բոլոր փայլուն հատկությունները, այդ բոլորը, թերևս, կա նրա մեջ, բայց ընդսմին, քմայքներ, ծաղր, մի խոսքով, դիվային բնավորություն է և ի լրումն ֆանտազիաներով է։ Մոր վրա հիմա ծիծաղեց, նրա երեսին, քույրերի վրա, իշխան Շչ-ի վրա, իմ մասին խոսելու կարիք էլ չկա, հազվադեպ է, որ ինձ վրա չի ծիծաղում, և, թվում է, դրա համար այդ դիվուկը առանձնապես սիրում է ինձ, այսինքն, թվում է, մյուսներից ավելի։ Գրազ կգամ, որ նա արդեն որևէ հարցում քեզ վրա էլ է ծիծաղել։ Ես ձեզ հիմա գտա իրար հետ զրուցելիս քիչ առաջ վերևում տեղի ունեցած փոթորկից հետո, նա քեզ հետ այնպես էր նստած, կարծես ոչինչ պատահած չլիներ։
 
Իշխանը սաստիկ կարմրեց և սեղմեց աջ ձեռքը, բայց լռեց։
 
— Իմ սիրելի, բարի Լև Նիկոլաևիչ,— զգացված ու տաք-տաք հանկարծ ասաց գեներալը,— ես... և նույնիսկ Լիզավետա Պրոկոֆևնան ինքը (որը, ի դեպ, նորից է սկսել քեզ ներկել և քեզ համար ինձ էլ, միայն չեմ հասկանում, թե պատճառն ինչ է), մենք այնուամենայնիվ քեզ սիրում ենք, սիրում ենք անկեղծ և հարգում ենք, նույնիսկ չնայած ոչ մի բանի, այսինքն՝ չնայած բոլոր արտաքին երևույթներին։ Բայց համաձայնիր, սիրելի բարեկամ, ինքդ համաձայնիր, հանկարծ ինչպիսի հանելուկ կթվա և մարդ ինչպես կվրդովվի լսելով, թե ինչպես այդ սառնարյուն դիվուկը (որովհետև նա կանգնած էր մոր առաջ ամենախորին արհամարհանքի արտահայտությամբ դեպի մեր բոլոր հարցերը, իսկ դեպի իմ հարցերը գերազանցապես, որովհետև ես, գրողը տանի, հիմարացա, խելքիս փչեց խստություն բանեցնել, որովհետև ես ընտանիքի գլուխն եմ, դե հիմարացա), այդ սառնարյուն դիվուկը հանկարծ ուղղակի հայտարարում է ծաղրանքով, որ այդ «ցնորվածը» (նա այդպես արտահայտվեց, և ինձ համար տարօրինակ է, որ նա քո բառը գործածեց. «մի՞թե, ասում է, դուք մինչև հիմա չկարողացաք գլխի ընկնել»), որ այդ ցնորվածը «իր գլուխն է մտցրել ինչ գնով ուզում է լինի ինձ ամուսնացնել իշխան Լև Նիկոլաևիչի հետ, դրա համար էլ Եվգենի Պավլովիչին մեր տնից քշում է»... այդքանն ասաց, ուրիշ ոչ մի բացատրություն չտվեց, հռհռում է իր համար, իսկ մենք բերաններս ենք բացել, նա դուռը շրխկացրեց ու դուրս եկավ։ Հետո ինձ պատմեցին քո և նրա մեջ նորերս պատահած տարօրինակ դեպքի մասին... և... լսիր, սիրելի իշխան, դու չվիրավորվող և շատ կշռադատող մարդ ես, ես դա նկատել եմ քո մեջ, բայց... մի բարկանա, աստված վկա, նա ծիծաղում է քեզ վրա։ Երեխայի պես ծիծաղում է, դրա համար էլ դու նրանից մի նեղանա, բայց դա ուղղակի այդպես է։ Բան մի կարծիր, նա ուղղակի հիմարացնում է թե քեզ, թե մեզ բոլորիս, պարապությունից։ Դե, մնաս բարով։ Դու գիտե՞ս մեր զգացմունքները։ Մեր անկեղծ զգացմունքները դեպի քեզ։ Նրանք անփոփոխ են. երբեք և ոչ մի բանում... բայց... Ես հիմա այս կողմն եմ գնալու, ցտեսություն։ Հազվադեպ եմ ես այսքան վատ վիճակում գտնվել, ինչպես հիմա եմ գտնվում... Այ քեզ ամառանո՜ց։
 
Մենակ մնալով խաչմերուկում, իշխանը շուրջը նայեց, արագ կտրեց անցավ փողոցը, մոտեցավ մի ամառանոցի լուսավորված պատուհանին, բաց արեց փոքրիկ թղթիկը, որն ամուր սեղմել էր աջ ձեռքում Իվան Ֆյոդորովիչի հետ խոսելու ամբողջ ընթացքում, և, որսալով լույսի թույլ ճառագայթը, կարդաց.
 
«Վաղը առավոտյան ժամը յոթին ես կլինեմ զբոսայգու կանաչ նստարանին և կսպասեմ ձեզ։ Ես որոշել եմ ձեզ հետ խոսել մի շատ կարևոր գործի մասին, որն ուղղակի ձեզ է վերաբերվում։
 
P. S. Հուսով եմ, ոչ ոքի ցույց չեք տա այս տոմսակը։ Թեև ամաչում եմ ձեզ այսպիսի խրատ գրելը, բայց դատեցի, որ դուք արժանի եք դրան, և գրեցի, ամոթից կարմրելով ձեր ծիծաղելի բնավորության համար։
 
PP. SS. Դա հենց այն կանաչ նստարանն է, որ ձեզ ցույց տվի այն ժամանակ։ Ամաչեցե՜ք։ Ես հարկադրված էի սա ևս հավելագրել»։
 
Տոմսակը գրված էր հապճեպ և ծալված մի կերպ, ամենից հավանական է՝ Ագլայայի պատշգամբ դուրս գալուց անմիջապես առաջ։ Վախի նմանվող աննկարագրելի հուզմունքով, իշխանը թղթիկը նորից պինդ սեղմեց ձեռքում և շտապով ետ թռավ լուսամուտից, լույսից, ինչպես վախեցած գող, բայց այդ շարժման ժամանակ հանկարծ կիպ կպավ մի պարոնի, որը հայտնվել էր ուղիղ նրա ուսերի հետևում։
 
— Ես հետևում եմ ձեզ, իշխան,— ասաց պարոնը։
 
— Այդ դո՞ւք եք, Կելլեր,— գոչեց իշխանը զարմացած։
 
— Որոնում եմ ձեզ, իշխան։ Սպասում էի ձեզ Եպանչինների ամառանոցի մոտ, հասկանալի է, չէի կարող մտնել։ Գալիս էի ձեր հետևից, երբ դուք քայլում էիք գեներալի հետ։ Ձեր տրամադրության տակ եմ, իշխան, կարգադրեցեք Կելլերին։ Պատրաստ եմ զոհաբերելու, նույնիսկ մեռնելու, եթե հարկ լինի։
 
— Բայց... ինչո՞ւ։
 
— Դե, հավանաբար մարտահրավեր կլինի։ Այդ պորուչիկ Սոլովցևը, ես նրան գիտեմ, այսինքն՝ ոչ անձնապես... նա կուլ չի տա վիրավորանքը։ Մեր ախպորը, այսինքն՝ ինձ ու Ռոգոժինին, նա, հասկանալի է, հակված է տականք համարելու, և, գուցե, ըստ արժանվույն, այդպիսով պատասխանատու եք մնում միայն դուք։ Ստիպված կլինեք վճարել շշերի համար, իշխան։ Նա ձեր մասին հարցուփորձ էր անում, ես լսեցի, և հավանաբար վաղը նրա բարեկամը կբարեհաճի ձեզ մոտ, իսկ գուցե և հիմա էլ սպասում է։ Եթե մարտավկա ընտրելու պատվին արժանացնեք, ապա ձեզ համար պատրաստ եմ և զինվոր ընկնել։ Դրա համար էլ որոնում էի ձեզ, իշխան։
 
— Ուրեմն դուք էլ եք մենամարտի մասին խոսում,— հանկարծ հռհռաց իշխանը, ի մեծ զարմանս Կելլերի։ Նա սարսափելի հռհռում էր։ Կելլերը, որ իրոք համարյա փշերի վրա էր, մինչև որ բավարարվեց իրեն մարտավկա առաջադրելով, համարյա վիրավորվեց, տեսնելով իշխանի այդպիսի զվարթ ծիծաղը։
 
— Բայց, իշխան, դուք այն ժամանակ ձեռքերը բռնեցիք։ Ազնվազարմ մարդու համար, այն էլ հասարակության ներկայությամբ, դժվար է դրան դիմանալը։
 
— Իսկ նա իմ կրծքին բոթեց,— ծիծաղելով գոչեց իշխանը,— մենք կռվելու բան չունենք։ Ես նրանից ներողություն կխնդրեմ, պրծավ գնաց։ Իսկ եթե մենամարտել է, թող լինի մենամարտել։ Թող կրակի, ես նույնիսկ ուզում եմ։ Հա՜-հա՜։ Ես հիմա գիտեմ ատրճանակ լցնել։ Դուք ատրճանակ լցնել իմանո՞ւմ եք, Կելլեր։ Պետք է նախ վառոդ գնել, ոչ թաց և ոչ այնքան խոշոր, որով թնդանոթ են կրակում, իսկ հետո նախ վառոդը լցնել, թաղիք ճարել որևէ տեղից՝ դռան վրայից, և հետո արդեն գնդակը ներս մղել և ոչ թե գնդակը վառոդից առաջ, որովհետև չի կրակի։ Լսո՞ւմ եք, Կելլեր, որովհետև չի կրակի։ Հա՜-հա՜։ Մի՞թե դա ամենասքանչելի պատճառաբանությունը չէ, եղբայր Կելլեր։ Ախ, Կելլեր, գիտե՞ք, որ ես հիմա ձեզ կգրկեմ ու կհամբուրեմ։ Հա՜-հա՜-հա՜։ Ինչպե՞ս այն ժամանակ դուք հանկարծ հայտնվեցիք նրա առաջ։ Շուտով մի անգամ եկեք ինձ մոտ շամպայն խմենք. բոլորս խմենք, հարբենք։ Գիտե՞ք, որ Լեբեդևի նկուղում տասներկու շիշ շամպայն ունեմ։ Լեբեդևը ինձ «դիպվածով» ծախեց երեք օր առաջ, նրա մոտ փոխադրվելու հաջորդ օրը, ես էլ բոլորը գնեցի։ Ես ամբողջ խումբը կհավաքեմ։ Իսկ ի՞նչ, դուք այս գիշեր քնելո՞ւ եք։
 
— Ինչպես ամեն գիշեր, իշխան։
 
— Դե, ուրեմն հանգիստ երազներ։ Հա՜-հա՜։
 
Իշխանը ճանապարհը կտրեց անցավ և չքացավ զբոսայգում, մտածմունքի մեջ թողնելով մի քիչ տարակուսած Կելլերին։ Նա իշխանին դեռ չէր տեսել այդպիսի տարօրինակ տրամադրության մեջ, և մինչև հիմա չէր էլ կարող պատկերացնել։
 
«Երևի տենդ ունի, որովհետև ջղային մարդ է, և այդ բոլորն ազդել է, բայց, իհարկե, չի վախենա։ Հենց սրանք են, որ չեն վախենում, աստված վկա,— ինքն իր մեջ մտածում էր Կելլերը։ Հը՛մ, շամպա՜յն։ Բայց հետաքրքիր լուր է։ Տասներկու շիշ, մի դյուժին, ոչինչ, կարգին կայազոր է։ Բայց գրազ կգամ, որ Լեբեդևը որևէ մեկից գրավականով է վերցրել այդ շամպայնը։ Հը՛մ... բայց բավական հաճելին է նա, այդ իշխանը, իսկապես, ես սիրում եմ այդպիսիներին, սակայն կարիք չկա ժամանակ կորցնելու և... եթե շամպայն է, ապա հենց իսկական ժամանակն է...»։
 
Որ իշխանը կարծես տենդի մեջ լիներ, դա, իհարկե, իրավացի էր։ Նա երկար թափառում էր մութ զբոսայգում և, վերջապես, «իրեն գտավ» մի ծառուղում զբոսնելիս։ Նրա գիտակցության մեջ մնացել էր այն հիշողությունը, որ այդ ծառուղով, սկսած նստարանից մինչև բարձր ու նկատելի հինավուրց ծառը, ընդամենը մոտ հարյուր քայլ, նա արդեն երեսուն կամ քառասուն անգամ անցել էր ետ ու առաջ։ Հիշել, թե առնվազն մի ամբողջ ժամ ինչ էր մտածում զբոսայգում, նա ոչ մի կերպ չէր կարողանա, եթե անգամ ուզենար։ Սակայն նա իրեն բռնեց մի մտքի վրա, որից հանկարծ ծիծաղից թուլացավ. թեև ծիծաղելու բան էլ չկար, բայց նա շարունակ ուզում էր ծիծաղել։ Նա պատկերացրեց, որ մենամարտի ենթադրությունը կարող էր ծնվել ոչ միայն Կելլերի գլխում, և որ, հետևաբար, պատմությունն այն մասին, թե ատրճանակն ինչպես են լցնում, կարող է և պատահական չլինել... «Վա՛հ,— կանգ առավ նա հանկարծ մի այլ մտքից պայծառացած,— քիչ առաջ նա պատշգամբ իշավ, երբ ես նստած էի անկյունում, և սաստիկ զարմացավ ինձ այնտեղ գտնելով և այնպես ծիծաղում էր... թեյի մասին սկսեց խոսել, բայց ախր այդ ժամանակ արդեն այս թղթիկը նրա ձեռքում էր, նշանակում է, նա հաստատ գիտեր, որ ես նստած եմ պատշգամբում, էլ ինչո՞ւ զարմացավ։ Հա՜-հա՜-հա՜»։
 
Նա տոմսակը կորզեց գրպանից ու համբուրեց, բայց իսկույն կանգ առավ ու մտածմունքի մեջ ընկավ։
 
«Ինչ տարօրինա՜կ է։ Ինչ տարօրինա՜կ է»,— ասաց նա մի րոպե անց նույնիսկ մի տեսակ թախծոտ. ուրախություն զգալու ուժեղ րոպեներին նրան միշտ թախիծն էր պատում, ինքն էլ չգիտեր, թե ինչու։ Նա ուշադիր նայեց շուրջը և ինքն էլ զարմացավ, որ մտել է այստեղ։ Նա շատ էր հոգնել, մոտեցավ նստարանին ու նստեց։ Շուրջն արտակարգ լուռ էր։ Կայարանում արդեն երաժշտությունը վերջացել էր։ Զբոսայգում գուցե արգեն ոչ ոք չկար, իհարկե, ժամը տասնմեկ և կեսից պակաս չէր։ Խաղաղ, տաք, լուսավոր գիշեր էր, հունիսի սկզբի պետերբուրգյան գիշեր, բայց թավ, ստվերախիտ զբոսայգում, այն ծառուղում, որտեղ նա գտնվում էր, արդեն գրեթե բոլորովին մութն էր։
 
Եթե մեկնումեկն այդ րոպեին նրան ասեր, որ նա սիրահարվել է, սիրահարված է կրքոտ սիրով, նա զարմացած գուցե նաև զայրացած կժխտեր այդ միտքը։ Եվ եթե մեկնումեկը դրան ավելացներ, թե Ագլայայի տոմսակը սիրային տոմսակ է, սիրային տեսակցության նշանակում, ապա նա այդ մարդու փոխարեն ամոթից կմեռներ և, կարող է պատահել, նրան մենամարտի կանչեր։ Այդ ամենը միանգամայն անկեղծ էր, և նա ոչ մի անգամ կասկած չտարավ և թույլ չտվեց ոչ մի «երկակի» միտք, թե հնարավոր է այդ աղջկա սերը դեպի ինքը կամ նույնիսկ թե հնարավոր է իր սերը դեպի այդ աղջիկը։ Սիրո հնարավորությունը դեպի ինքը, դեպի «այնպիսի մարդը, ինչպիսին ինքն է», նա հրեշավոր բան կհամարեր։ Նրան թվում էր, որ դա Ագլայայի կողմից ուղղակի չարաճճիություն է, եթե իրոք այստեղ որևէ բան կա, բայց նա մի տեսակ շատ անտարբեր էր դեպի բուն չարաճճիությունը և դա համարում էր ավելի քան բնական, իսկ ինքը մտահոգված և զբաղված էր բոլորովին այլ բանով։ Հուզված գեներալի բերանից քիչ առաջ դուրս թռած այն խոսքերին, թե Ագլայան բոլորի վրա ծիծաղում է, իսկ նրա, իշխանի վրա առանձնապես, նա լիովին հավատաց։ Ընդսմին նա նվազագույն իսկ վիրավորանք չզգաց, նրա կարծիքով հենց այդպես էլ պետք է լիներ։ Նրա համար գլխավորապես ամբողջ բանն այն էր, որ ինքը վաղը նորից կտեսնի նրան, առավոտյան վաղ, նրա կողքին կնստի կանաչ նստարանին, կլսի, թե ինչպես են լցնում ատրճանակը, և կնայի նրան։ Նրան էլ ուրիշ ոչինչ պետք չէր։ Մեկ թե երկու անգամ նրա մտքով անցավ նաև այն հարցը, թե արդյոք ի՞նչ է մտադիր Ագլայան ասել նրան, և ուղղակի իրեն վերաբերող այդ ի՞նչ կարևոր գործ է։ Եվ այլևս նա ոչ մի րոպե չկասկածեց, որ իրոք գոյություն ունի այդ «կարևոր գործը», որի համար իրեն կանչում են, բայց հիմա գրեթե բոլորովին չէր մտածում այդ կարևոր գործի մասին, այն աստիճան, որ դրա մասին մտածելու ամենափոքր իսկ մղում չէր զգում։
 
Ավազի վրա կամացուկ քայլերի ճռճռոցը նրան հարկադրեց գլուխը բարձրացնել։ Մի մարդ, որի դեմքը դժվար էր ջոկել մթության մեջ, մոտեցավ նստարանին և նստեց իշխանի կողքին։ Իշխանն արագ մոտեցավ նրան, գրեթե ընդհուպ, և ճանաչեց Ռոգոժինի գունատ դեմքը։
 
— Այդպես էլ դիտեի, որ այստեղերք թափառելիս կլինես, այնպես որ երկար չփնտրեցի,— ատամների արանքից մրթմրթաց Ռոգոժինը։
 
Առաջին անգամ էին տեսնվում նրանք պանդոկի միջանցքի հանդիպումից հետո։ Ռոգոժինի անակնկալ հայտնվելուց զարմացած, իշխանը միառժամանակ չէր կարողանում մտքերը ժողովել, և տանջալից զգացումը նորից հարություն առավ նրա սրտում։ Ռոգոժինն, ըստ երևույթին, հասկանում էր իր թողած տպավորությունը, ու թեև նա սկզբում շփոթվում էր, խոսում էր կարծես թե ինչ-որ սերտած սանձարձակությամբ, բայց իշխանին շուտով թվաց, որ նրանում ոչ մի սերտած բան, և նույնիսկ ոչ մի առանձին շփոթմունք չկար, եթե նրա շարժուձևի և խոսակցության մեջ որևէ անհարմարություն զգացվում էր, ապա դա միայն արտաքուստ էր, հոգու խորքում այդ մարդը չէր կարող փոխվել։
 
— Դու ինձ․․․ ինչպե՞ս գտար այստեղ,— հարցրեց իշխանը, մի բան ասած լինելու համար։
 
— Կելլերից իմացա (ես քեզ մոտ էի գնացել), «զբոսայգի է գնացել», ասաց. է, մտածում եմ, այդպես է որ կա։
 
— Ի՞նչը «կա»,— տագնապած որսաց իշխանը դուրս թռած բառը։
 
Ռոգոժինը քմծիծաղ տվեց, բայց բացատրություն չտվեց։
 
— Ես քո նամակն ստացա, Լև Նիկոլաևիչ, այդ ամենը դու զուր ես... և ի՞նչ հավաս... իսկ հիմա քեզ մոտ եմ եկել ''նրա'' կողմից. անպայման պատվիրում է քեզ կանչել, շատ է ուզում քեզ մի բան ասել։ Հենց այսօր էլ խնդրել է։
 
— Ես վաղը կգամ։ Հիմա ես տուն եմ գնում, դու․․․ ինձ մո՞տ ես գալիս։
 
— Ինչո՞ւ։ Ես քեզ ամեն ինչ ասացի. մնաս բարով։
 
— Մի՞թե չես անցնի,— կամացուկ հարցրեց իշխանը։
 
— Զարմանալի մարդ ես դու, Լև Նիկոլաևիչ, քեզ վրա զարմանալ է պետք։
 
Ռոգոժինը ծիծաղեց խայթող ծիծաղով։
 
— Ինչո՞ւ։ Իմ նկատմամբ այդ չարությունը քո մեջ հիմա ինչի՞ց է,— տխուր ու տաք-տաք վրա բերեց իշխանը։— Չէ որ հիմա ինքդ էլ գիտես, որ քո բոլոր մտածածները ճիշտ չեն։ Բայց ասենք, ես գիտեի, որ իմ նկատմամբ քո չարությունը մինչև հիմա չի անցել, և գիտե՞ս ինչու։ Որովհետև հենց ինքդ ոտնձգություն արիր իմ դեմ, դրանից էլ չարությունդ չի անցնում։ Քեզ ասում եմ, հիշում եմ միայն այն Պարֆեն Ռոգոժինին, որի հետ այն օրը խաչերով եղբայրացա. երեկվա նամակում նրա համար էի գրել, որ դու մոռանայիր այդ ամբողջ զառանցանքը և ինձ հետ չսկսեիր խոսել դրա մասին։ Ինչո՞ւ ես խուսափում ինձանից, ինչո՞ւ ևս ձեռքդ ինձնից թաքցնում։ Քեզ ասում եմ, որ այն ժամանակ ինչ որ եղավ, բոլորը զառանցանքի, միայն զառանցանքի տեղ եմ դնում. այն ամբողջ օրվա ընթացքում քեզ հիմա անգիր գիտեմ, ինչպես ինքս ինձ։ Այն, ինչ դու երևակայում էիր, գոյություն չուներ և չէր կարող ունենալ։ Էլ ինչո՞ւ պիտի մեր չարությունը գոյություն ունենա։
 
— Դու ի՞նչ չարություն պիտի ունենաս,— դարձյալ ծիծաղեց Ռոգսժինը ի պատասխան իշխանի անակնկալ, ջերմ խոսքերի։ Նա իրոք կանգնած էր, խուսափելով իշխանից, մի երկու քայլ ետ քաշված և ձեռները թաքցնելով։— Հիմա ես բոլորովին չեմ գալու քեզ մոտ, Լև Նիկոլաևիչ,— դանդաղ և խրատական եզրափակեց նա։
 
— Այդ աստիճա՞ն ինձ ատում ես, թե ինչ։
 
— Ես քեզ չեմ սիրում, Լև Նիկոլաևիչ, էլ ինչո՞ւ պիտի քեզ մոտ գամ։ Էխ, իշխան, կարծես իսկական երեխա լինես, սիրտդ խաղալիք է ուզել, հանիր ու տուր, իսկ գործը չես հասկանում։ Այդ բոլորը ճիշտ այդպես գրել էիր նամակումդ, ինչ որ հիմա ասում ես, մի՞թե ես քեզ չեմ հավատում։ Քո ամեն մի խոսքին հավատում եմ և գիտեմ, որ դու ինձ երբեք չես խաբել և սրանից հետո էլ չես խաբի, բայց համենայն դեպս քեզ չեմ սիրում։ Դու ահա գրում ես, թե ամեն ինչ մոռացել ես և միայն խաչի եղբայր Ռոգոժինին ես հիշում, և ոչ թե այն Ռոգոժինին, որն այն ժամանակ քեզ վրա դանակ բարձրացրեց։ Բայց իմ զգացմունքնե՞րը որտեղից գիտես (Ռոգոժինը նորից քմծիծաղ տվեց)։ Գուցե ես այն ժամանակվանից ոչ մի անգամ էլ չեմ զղջացել, իսկ դու արդեն քո եղբայրական ներումն ես ուղարկել ինձ։ Գուցե հենց նույն երեկո ես արդեն ուրիշ բան էի մտածում, իսկ դրա մասին...
 
— Նույնիսկ մոռացել էիր մտածել,— վրա բերեց իշխանը,— դե իհարկե։ Եվ գրազ կգամ, որ դու այն ժամանակ ուղղակի դնացք նստեցիր ու այստեղ Պավլովսկ գլորվեցիր, երաժշտության, և այսօրվա պես ամբոխի մեջ փնտրում ու հետևում էիր նրան։ Ա՜յ թե զարմացնելու բան գտար։ Դե եթե դու այն ժամանակ այնպիսի վիճակում լինեիր, որ ընդունակ էիր միմիայն մի բանի մասին մտածել, կարող է պատահել, դանակ էլ չէիր բարձրացնի վրաս։ Ես այն ժամանակ դեռ առավոտվանից նախազգում էի, քեզ տեսնելով. գիտե՞ս թե այն ժամանակ ինչպիսին էիր դու։ Հենց որ խաչերս փոխանակեցինք, գուցե հենց այդ ժամանակ իմ մեջ խլրտաց այդ միտքը։ Այն ժամանակ ինձ ինչո՞ւ պառավի մոտ տարար։ Դրանով մտածում էիր զսպե՞լ քո ձեռքը։ Եվ չի կարող պատահել, որ մտածեիր, այլ միայն զգացիր, ինչպես և ես... Մենք այն ժամանակ միանման զգացինք։ Եթե այն ժամանակ ձեռքդ չբարձրացնեիր ինձ վրա (որն աստված ետ մղեց), հիմա ես ի՞նչ կլինեի քո առաջ։ Չէ՞ որ միևնույն է, ես դրանում կասկածում էի քեզ, մեր մեղքը նույնն էր, միանման։ (Մի՛ խոժոռվիր։ Եվ ինչո՞ւ ես ծիծաղում)։ «Չե՛մ զղջացել»։ Բայց եթե նույնիսկ ուզենայիր, գուցե և չկարողանայիր զղջալ, որովհետև, ի լրումն, չես էլ սիրում ինձ։ Եվ եթե նույնիսկ քո առաջ հրեշտակի պես անմեղ լինեի, դու, միևնույն է, ինձ տանել չես կարողանա, քանի մտածես, որ նա ոչ թե քեզ, այլ ինձ է սիրում։ Ահա և նշանակում է, որ դա խանդ է։ Միայն թե այս շաբաթ ահա թե ինչ եմ մտածել, Պարֆեն, և կասեմ քեզ, արդյոք գիտե՞ս, որ հիմա նա քեզ գուցե բոլորից ավելի է սիրում, և նույնիսկ այնպես, որ որքան ավելի է տանջում, այնքան ավելի է սիրում։ Նա այդ բանը քեզ չի ասի, բայց պետք է տեսնել կարողանալ։ Վերջ ի վերջո նա ինչո՞ւ է այնուամենայնիվ քեզ հետ ամուսնանում։ Երբևէ կասի դա հենց քեզ։ Որոշ կանայք նույնիսկ ուզում են, որ իրենց այդպես սիրեն, իսկ նա հենց այդպիսի բնավորություն ունի։ Իսկ քո բնավորությունը և քո սերը պետք է որ նրա սրտին շատ բան ասեն։ Արդյոք գիտե՞ս, որ կինն ընդունակ է մարդու տանջամահ անել դաժանություններով ու ծաղրանքներով և ոչ մի անգամ խղճի խայթ չի զգա, որովհետև ամեն անգամ քեզ նայելով ինքն իրեն կմտածի. «Ահա ես հիմա նրան մահու աստիճան կտանջեմ, բայց դրա փոխարեն հետո սիրովս կհատուցեմ...»։
 
Ռոգոժինը հռհռաց՝ իշխանին լսելով։
 
— Ի՞նչ է, իշխան, հո պատահմամբ ինքդ էլ այդպիսի կնոջ չե՞ս հանդիպել։ Ես որոշ բաներ իմացել եմ քո մասին, եթե ճիշտ է։
 
— Ի՞նչ, ի՞նչ կարող էիր լսած լինել,— հանկարծ ցնցվեց իշխանը և կանգ առավ սաստիկ շփոթված։
 
Ռոգոժինը շարունակում էր ծիծաղել։ Նա ոչ առանց հետաքրքրության և, գուցե, ոչ առանց բավականության լսեց իշխանի ասածները. իշխանի զվարթ ու ջերմ հափշտակությունը նրան զարմացրեց ու գոտեպնդեց։
 
— Ոչ միայն լսել եմ, այլ ինքս էլ հիմա տեսնում եմ, որ ճիշտ է,— ավելացրեց նա,— ե՞րբ ես դու այնպես խոսել, ինչպես հիմա։ Ախր այսպիսի խոսակցությունը կարծես քեզանից չլինի։ Քո մասին այդպիսի բան լսած չլինեի, չէի գա այստեղ, և այն էլ զբոսայգի, կեսգիշերին։
 
— Ես քեզ բոլորովին չեմ հասկանում, Պարֆեն Սեմյոնովիչ։
 
— Նաստասյա Ֆիլիպովնան ինձ վաղուց էր բացատրել քո մասին, իսկ հիմա քիչ առաջ ես ինքս տեսա, թե երաժշտության հրապարակում ինչպես էիր նստել այն մեկի հետ։ Երդվում էր ինձ, երեկ ու այսօր երդվում էր, որ դու կատվի պես սիրահարված ես Ագլայա Եպանչինային։ Դա ինձ համար միևնույն է, իշխան, և իմ գործը չէ։ Եթե դու նրան դադարել ես սիրելուց, ապա նա դեռ չի դադարել քեզ սիրելուց։ Դու ախր գիտես, որ Նաստասյա Ֆիլիպովնան ուզում է քեզ անպայման ամուսնացնել այն մեկի հետ, այդպիսի խոսք է տվել, հի՜-հի՜։ Ինձ ասում է. «Առանց դրա քեզ հետ չեմ ամուսնանա, նրանք եկեղեզի գնան, մենք էլ եկեղեցի կգնանք»։ Թե ինչ կա այստեղ, հասկանալ չեմ կարող և ոչ մի անգամ չեմ հասկացել. կամ սիրում է քեզ անսահման, կամ... եթե սիրում է, այդ ինչպե՞ս է ուզում քեզ ուրիշի հետ ամուսնացնել։ Ասում է. «Ուզում եմ նրան երջանիկ տեսնել», ուրեմն, նշանակում է, սիրում է։
 
— Ես քեզ ասում էի և գրել էի, որ նա... խելքը գլխին չէ,— ասաց իշխանը, տանջանքով լսելով Ռոգոժինի ասածները։
 
— Աստվա՜ծ գիտի։ Գուցե և դու սխալվել ես... այսօր նա, ի դեպ, ինձ օր նշանակեց, երբ երաժշտությունից տարա նրան, երեք շաբաթ հետո, գուցե և ավելի շուտ, ասում է, կպսակվենք. երդվեց, սրբապատկերը հանեց, համբուրեց։ Նշանակում է, բանը հիմա քեզանից է կախված, իշխան, հի՜, հի՜։
 
— Այդ բոլորը զառանցանք է։ Ինչ որ իմ մասին ես ասում, երբեք, երբեք չի լինի։ Վաղը ես ձեզ մոտ կգամ...
 
— Էլ ի՞նչ խելագար,— նկատեց Ռոգոժինը,— ինչպե՞ս է, որ նա մնացած բոլորի համար խելքը գլխին է, իսկ միայն քեզ համար խելագար է։ Բա ինչպե՞ս է նամակներ գրում այնտեղ։ Եթե խելագար է, ապա այնտեղ էլ նամակներից կնկատեին։
 
— Ի՞նչ նամակներ,— վախեցած հարցրեց իշխանը։
 
— Այնտեղ է գրում, ''այն մեկին'', իսկ նա կարդում է։ Մի՞թե չգիտես։ Դե, կիմանաս, հավանաբար նա ինքը քեզ ցույց կտա։
 
— Դրան հավատա՜լ չի կարելի,— գոչեց իշխանը։
 
— Էխ։ Դու, Լև Նիկոլաևիչ, երևում է դեռ քիչ ես անցել այդ ճամփան, ինչքան տեսնում եմ, այլ միայն նոր ես սկսում։ Սպասիր մի քիչ, սեփական ոստիկանություն կպահես, ինքդ գիշեր-ցերեկ կհերթապահես և այնտեղի ամեն մի քայլը կիմանաս, թե որ...
 
— Թող, և այդ մասին երրեք մի խոսի,— գոչեց իշխանը։— Լսիր, Պարֆեն, ահա ես հիմա քեզանից առաջ այստեղ շրջում էի և հանկարծ սկսեցի ծիծաղել, թե ինչու՝ չգիտեմ, բայց միայն պատճառն այն է, որ մտաբերեցի, որ վաղվա օրը կարծես դիտմամբ իմ ծննդյան օրն է գալիս։ Հիմա համարյա ժամը տասներկուսն է։ Գնանք դիմավորենք օրը։ Ես գինի ունեմ, գինի խմենք, ինձ ցանկացիր այն, ինչ որ ես ինքս էլ հիմա չգիտեմ, թե ինչ ցանկանամ, և հենց դո՛ւ ցանկացիր, իսկ ես քեզ քո լիակատար երջանկությունն եմ ցանկանում։ Իսկ եթե ոչ, ետ տուր խաչս։ Չէ՞ որ հաջորդ օրը ետ չուղարկեցիր։ Չէ՞ որ վզիդ է։ Հիմա՞ էլ վզիդ է։
 
— Վզիս է,— ասաց Ռոգոժինը։
 
— Դե ուրեմն գնանք։ Ես առանց քեզ չեմ ուզում սկսել իմ նոր կյանքը։ Դու չգիտե՞ս, Պարֆեն, որ իմ նոր կյանքն այսօր սկսվեց։
 
— Հիմա ինքս եմ տեսնում և ինքս գիտեմ, որ սկսվել է. այդպես էլ կհաղորդեմ ''նրան''։ Բոլորովին քեզ կորցրել ես, Լև Նիկոլաևիչ։
=== IV ===
 
Ռոգոժինի հետ իր ամառանոցին մոտենալով, իշխանը սաստիկ զարմանքով նկատեց, որ իր պայծառ լուսավորված պատշգամբում հավաքվել է աղմկալի ու բազմաթիվ հասարակություն։ Ուրախ խումբը հռհռում էր, աղմկում, կարծես նույնիսկ վիճում էին բղավոցի հասցնելով։ Առաջին հայացքից կարելի էր ենթադրել շատ ուրախ ժամանց է։ Եվ իրոք, պատշգամբ բարձրանալով նա տեսավ, որ բոլորը խմում էին, և խմում էին շամպայն, և, կարծես, արդեն բավական վաղուց, այնպես որ քեֆ անողներից շատերը հասցրել էին բավական հաճելի ոգեշնչվել։ Հյուրերը բոլորը իշխանի ծանոթներն էին, բայց տարօրինակ էր, որ նրանք բոլորը հավաքվել էին միանգամից, կարծես հրավերով, թեև իշխանը ոչ ոքի չէր հրավիրել, իսկ իր ծննդյան օրվա մասին ինքն էլ հենց նոր էր հիշել հանկարծ։
 
— Երևի մեկին ասել ես, թե շամպայն կհանես մեջտեղ, ահա և հավաքվել են,— մրթմրթաց Ռոգոժինը իշխանի հետևից պատշգամբ բարձրանալով.— մենք էդ կետը լավ գիտենք, նրանց միայն շվվացրու...— ավելացրեց նա գրեթե չարությամբ, իհարկե մտաբերելով իր ոչ հեռու անցյալը։ Բոլորն իշխանին դիմավորեցին աղաղակներով ու բարի ցանկություններով, շրջապատեցին նրան։ Ոմանք շատ աղմկոտ էին, մյուսները շատ ավելի հանդարտ, բայց բոլորն շտապում էին շնորհավորել, լսելով ծննդյան օրվա մասին, և յուրաքանչյուրն սպասում էր իր հերթին։ Մի քանիսի ներկայությունը հետաքրքրեց իշխանին, օրինակ՝ Բուրդովսկու։ Բայց ամենազարմանալին այն էր, որ հանկարծ այդ խմբում էր հայտնվել նաև Եվգենի Պավլովիչը։ Իշխանը գրեթե հավատալ չէր ուզում և քիչ մնաց վախենար, նրան տեսնելով։
 
Այդ միջոցին Լեբեդևը՝ կարմրատակած ու համարյա հրճվագին, մոտ վազեց բացատրության, նա արդեն լավ ''քեֆը տեղն'' էր։ Նրա շաղակրատանքից պարզվեց, որ բոլորը հավաքվել են բոլորովին բնականորեն և նույնիսկ պատահական։ Ամենից առաջ, դեռ իրիկուն չեղած, եկել է Իպոլիտը և, իրեն անհամեմատ լավ զգալով, ցանկացել է պատշգամբում սպասել իշխանին։ Նա տեղավորվել էր բազմոցին. հետո նրա մոտ է եկել Լեբեդևը, ապա նրա ամբողջ ընտանիքը, այսինքն՝ գեներալ Իվոլգինը և աղջիկները։ Բուրդովսկին եկել էր Իպոլիտի հետ, ուղեկցելով նրան։ Գանյան և Պտիցինը մտել էին, կարծես թե, քիչ առաջ, ամառանոցի մոտով անցնելիս (նրանց հայտնվելը զուգադիպում էր կայարանի իրադարձության հետ), ապա հայտնվել էր Կելլերը, հայտարարել ծննդյան օրվա մասին և շամպայն պահանջել։ Եվգենի Պավլովիչը եկել էր ընդամենը կես ժամ առաջ։ Շամպայնի և տոնակատարություն սարքելու մասին ամբողջ ուժով պնդում էր նաև Կոլյան։ Լեբեդևը պատրաստակամությամբ մատուցել էր գինին։
 
— Բայց իմը, ի՜մը,— թոթովում էր նա իշխանի առաջ,— սեփական խնամքիս տակ առա, որպեսզի փառաբանենք ու շնորհավորենք. հյուրասիրություն էլ կլինի, խորտիկներ էլ կլինեն, դրա մասին էլ աղջիկս հոգ է տանում. բայց, իշխան, եթե իմանայիք, թե ինչ թեմա է պտտվում։ Հիշո՞ւմ եք Համլետը .«Լինե՞լ թե չլինել»։ Ժամանակակից թեմա է, ժամանակակից։ Հարցեր ու պատասխաններ... Եվ պարոն Տերենտևը վերին աստիճանի... չի ուզում քնել։ Իսկ շամպայնը նա միայն կում է արել, կում է արել, վնաս չի տա։ Մոտեցեք, իշխան, և որոշեցեք։ Բոլորը ձեզ էին սպասում, բոլորը հենց միայն սպասում էին ձեր երջանիկ խելքին...
 
Իշխանը նկատեց սիրուն, փաղաքուշ հայացքը Վերա Լեբեդևայի, որը նույնպես շտապում էր ամբոխի միջից նրա մոտ հասնել։ Բոլորի միջով իշխանն առաջինը նրան պարզեց ձեռքը, աղջիկը բավականությունից բռնկվեց և իշխանին ցանկացավ «երջանիկ կյանք ''հենց այս օրվանից''»։ Ապա սրընթաց վազեց խոհանոց, այնտեղ նա խորտիկներ էր պատրաստում, բայց մինչև իշխանի գալն էլ, հենց որ մի րոպե կարողանում էր գործից կտրվել, գալիս էր պատշգամբ և ամբողջ ուշադրությամբ լսում էր իր համար ամենատարօրինակ և վերացական բաների մասին տաք վիճաբանություններ, որոնք չէին լռում խմած հյուրերի մեջ։ Նրա փոքր Քույրը քնել էր հաջորդ սենյակում, սնդուկի վրա, բայց տղան, Լեբեդևի որդին, կանգնել էր Կոլյայի ու Իպոլիտի մոտ, և միայն նրա ոգևորված դեմքի արտահայտությունը ցույց էր տալիս, որ նա պատրաստ է այստեղ կանգնած մնալ նույն տեղում, թեկուզ էլի մի տասը ժամ շարունակ։
 
— Ես ձեզ հատկապես սպասում էի և սաստիկ ուրախ եմ, որ եկաք այդպես երջանիկ,— ասաց Իպոլիտը, երբ իշխանը, Վերայից անմիջապես հետո մոտեցավ նրա ձեոքը սեղմելու։
 
— Իսկ ինչի՞ց գիտեք, որ ես «այսպես երջանիկ» եմ։
 
— Դեմքից է երևում։ Բարևեցեք պարոններին և շուտ նստեցեք այստեղ մեզ մոտ։ Ես ձեզ հատկապես սպասում էի,— ավելացրեց նա, նշանակալից շեշտելով, որ ինքը սպասում էր։ Իշխանի այն դիտողությանը, թե «չի՞ վնասի նրան այսքան ուշ նստելը»,— նա պատասխանեց, որ ինքն իր վրա զարմանում է, թե ինչպե՞ս երեք օր առաջ ուզում էր մեռնել, և որ երբեք իրեն ավելի լավ չի զգացել, քան այս երեկո։
 
Բուրդովսկին վեր թռավ և մրթմրթաց, որ ինքը «այնպես...», որ Իպոլիտի հետ է եկել, «ուղեկցել է», և որ նույնպես ուրախ է, որ նամակում ինքը գրել է ցնդաբանություն, իսկ հիմա «ուղղակի ուրախ է...»։ Խոսքը կիսատ թողնելով, նա ամուր սեղմեց իշխանի ձեռքը և նստեց աթոռին։
 
Ամենից վերջը իշխանը մոտեցավ Եվգենի Պավլովիչին։ Նա անմիջապես թևանցուկ արեց իշխանին։
 
— Ես ձեզ պետք է միայն երկու խոսք ասեմ,— կիսաձայն շշնջաց նա,— և չափազանց կարևոր հանգամանքի առթիվ, հեռանանք մի րոպե։
 
— Երկու խոսք,— շշնջաց մի ուրիշ ձայն իշխանի մյուս ականջին, և մի ուրիշ ձեռք թևանցուկ արեց նրան մյուս կողմից։ Իշխանը զարմանքով նկատեց մի սարսափելի գզգզված, կարմրատակած, աչքերը քթթող ու ծիծաղող կերպարանք, հանձին որի անմիջապես ճանաչեց Ֆերդիշչենկոյին, որ աստված գիտե որտեղից էր հայտնվել։
 
— Ֆերդիշչենկոյին հիշո՞ւմ եք,— հարցրեց սա։
 
— Որտեղի՞ց հայտնվեցիք,— գոչեց իշխանը։
 
— Նա զղջում է,— բղավեց մոտ վազած Կելլերը,— նա թաքնվել էր, նա չէր ուզում ձեր աչքին երևալ, նա թաքնվել էր այնտեղ անկյունում, նա զղջում է, իշխան, նա իրեն մեղավոր է զգում։
 
— Բայց ինչո՞ւմ, ինչո՞ւմ։
 
— Այդ ե՛ս նրան հանդիպեցի, իշխան, հիմա ես հանդիպեցի նրան ու բերի. սա իմ հազվագյուտ ընկերներից է. բայց նա զղջում է։
 
— Շատ ուրախ եմ, պարոնայք, գնացեք նստեցեք այնտեղ, բոլորի մոտ, ես հիմա կգամ,— վերջապես օձիքն ազատեց իշխանը, շտապելով Եվգենի Պավլովիչի մոտ։
 
— Այստեղ ձեզ մոտ հետաքրքիր է,— նկատեց նա,— և ես բավականությամբ սպասեցի ձեզ մոտ կես ժամ։ Ահա թե ինչ, ամենասիրելի Լև Նիկոլաևիչ, ես ամեն ինչ հարթեցի Կուրմիշևի հետ և անցա ձեզ հանգստացնելու, դուք անհանգրստանալու բան չունեք, նա շատ, շատ խելամտորեն ընդունեց գործը, առավել ևս որ, իմ կարծիքով, ավելի շուտ ինքն է մեղավոր։
 
— Ի՞նչ Կուրմիշև։
 
— Դե նա, որի ձեռքերը բռնեցիք այն ժամանակ... Նա այնպես կատաղած էր, որ արդեն ուզում էր վաղը մարդ ուղարկել ձեզ մոտ բացատրությունների համար։
 
— Բավական է, ի՜նչ հիմար բան։
 
— Հարկավ հիմար բան և հավանաբար հիմար ձևով էլ կվերջանար. բայց մեզանում այդ մարդիկ...
 
— Դուք երևի մի ուրիշ բանի համար է՞լ եք եկել, Եվգենի Պավլովիչ։
 
— Օ, իհարկե, մի ուրիշ բանի համար էլ,— ծիծաղեց սա։— Ես, սիրելի իշխան, վաղը լույսը չբացված գնում եմ Պետերբուրգ այդ դժբախտ գործով (դե ահա, հորեղբորս գործով), պատկերացրեք, այդ ամենը ճիշտ է և արդեն բոլորը գիտեն, բացի ինձանից։ Դա ինձ այնպես շշմեցրեց, որ ժամանակ չունեցա անցնել ''այնտեղ'' (Եպանչինների մոտ), վաղն էլ չեմ գնա, որովհետև Պետերբուրգում կլինեմ, հասկանո՞ւմ եք։ Գուցե մի երեք օր այստեղ չեմ լինի, մի խոսքով, իմ գործերն սկսել են կաղալ։ Թեև անսահմանորեն կարևոր մի գործ չէ, բայց ես մտածեցի, որ պետք է որոշ հարցերում ամենայն անկեղծությամբ բացատրվեմ ձեզ հետ, և առանց ժամանակ կորցնելու, այսինքն՝ մինչև մեկնելս։ Ես հիմա կնստեմ ու կսպասեմ, եթե թույլ կտաք, մինչև խումբը ցրվի. համ էլ տեղ չեմ գտնում, այնպես հուզված եմ, որ քնելու էլ չեմ պառկի։ Վերջապես, թեև անխղճություն ու անվայելուչ բան է մարդուն այսպես ուղղակի հետապնդելը, բայց ձեզ ուղղակի կասեմ, ես եկել եմ գտնելու ձեր մտերմությունը, իմ սիրելի իշխան, դուք աննման մարդ եք, այսինքն՝ չեք ստում ամեն քայլափոխի, գուցե և բոլորովին չեք ստում, իսկ ինձ մի գործում հարկավոր է մտերիմ ու խորհրդատու, որովհետև ես հիմա հաստատապես դժբախտների թվին եմ պատկանում։
 
Նա նորից ծիծաղեց։
 
— Այ թե ցավը որն է,— մի րոպե մտածմունքի մեջ ընկավ իշխանը,— դուք ուզում եք սպասել, մինչև նրանք ցրվեն, բայց ախր աստված գիտի, թե երբ կլինի դա։ Ավելի լավ չէ՞ հիմա գնանք զբոսայգի, նրանք կսպասեն, ես ներողություն կխնդրեմ։
 
— Չէ-չէ՜, ես իմ պատճառներն ունեմ, որ մեզ չկասկածեն հատուկ նպատակով արտակարգ խոսակցության մեջ. այստեղ կան մարդիկ, որոնք շատ են հետաքրքրվում մեր հարաբերություններով, դուք այդ չգիտե՞ք, իշխան։ Եվ շատ ավելի լավ կլինի, եթե տեսնեն, որ առանց այն էլ ամենաընկերասիրական հարաբերությունների մեջ ենք, և ոչ թե միայն արտակարգ հարաբերությունների մեշ, հասկանո՞ւմ եք. նրանք մի երկու ժամից կցրվեն, ես ձեզնից կխլեմ մի քսան րոպե, շատ-շատ՝ կես ժամ...
 
— Ի սե՜ր աստծո, խնդրեմ. առանց բացատրությունների էլ ես շատ ուրախ եմ. մտերմական հարաբերությունների մասին ասած ձեր բարի խոսքերի համար շատ շնորհակալ եմ։ Ներեցեք, որ այսօր ցրված եմ. գիտե՞ք, այս րոպեիս մի տեսակ ոչ մի կերպ չեմ կարող ուշադիր լինել։
 
— Տեսնում եմ, տեսնում,— փնթփնթաց Եվգենի Պավլովիչը թեթև քմծիծաղով։ Նա շատ ծիծաղկոտ էր այդ երեկո։
 
— Ի՞նչ եք տեսնում,— ցնցվեց իշխանը։
 
— Դուք չեք էլ կասկածում, սիրելի իշխան,— շարունակում էր Եվգենի Պավլովիչը, չպատասխանելով ուղղակի հարցին դուք չե՞ք կասկածում, որ ես եկել եմ ձեզ ուղղակի խաբելու և կողմնակի կերպով որևէ խոսք դուրս քաշելու, հը՞։
 
— Որ եկել եք խոսք քաշելու, դրանում նույնիսկ կասկած չկա,— վերջապես ծիծաղեց իշխանն էլ,— և նույնիսկ, կարող է պատահել, դուք վճռել եք մի քիչ նաև խաբել ինձ։ Բայց ի՞նչ կա որ, ես ձեզանից չեմ վախենում. համ էլ ինձ համար հիմա կարծես թե միևնույն է, կհավատա՞ք։ Եվ... և... և քանի որ ես ամենից առաջ համոզված եմ, որ դուք այնուամենայնիվ հիանալի մարդ եք, ապա մենք, ով գիտի, իսկապես էլ ի վերջո բարեկամաբար մտերմանանք։ Դուք ինձ շատ դուր եկաք, Եվգենի Պավլովիչ, իմ կարծիքով դուք... շատ, շատ կարգին մարդ եք։
 
— Դե, համենայն դեպս, ձեզ հետ շատ հաճելի է գործ ունենալ, նույնիսկ ինչպիսի գործ ուզում է լինի,— եզրակացրեց Եվգենի Պավլովիչը,— ես ձեր կենացը մի բաժակ կխըմեմ. և շատ գոհ եմ, որ ձեզ միացա։ Ա՜,— կանգ առավ նա հանկարծ,— այդ պարոն Իպոլիտը փոխադրվել է ձեզ մո՞տ ապրելու։
 
— Այո։
 
— Կարծում եմ նա այս րոպեիս չի մեռնի, այնպես չէ՞։
 
— Իսկ ի՞նչ կա։
 
— Այնպես, ոչինչ. ես այստեղ կես ժամ նրա հետ մնացի...
 
Իպոլիտն այդ ամբողջ ժամանակ սպասում էր իշխանին և անընդհատ նայում էր նրան ու Եվգենի Պավլովիչին, երբ նրանք խոսում էին մի կողմ քաշված։ Նա տենդորեն աշխուժացավ, երբ նրանք մոտեցան սեղանին։ Նա անհանգիստ ու հուզված էր, ճակատին քրտինք էր դուրս տվել։ Նրա պսպղուն աչքերում բացի թափառող, մշտական անհանգստությունից, արտահայտվում էր նաև ինչ-որ անորոշ անհամբերություն. նրա հայացքը աննպատակ անցնում էր առարկայից առարկա, մի դեմքից մյուսին։ Թեև ընդհանուր աղմկալի խոսակցությանը մինչև հիմա նա մեծ մասնակցություն ուներ, բայց նրա ոգևորությունը միայն տենդային էր. բուն խոսակցությանը նա անուշադիր էր. նրա վիճաբանությունն անկապ էր, ծաղրական ու անփութորեն պարադոքսային, նա անավարտ էր թողնում և դադարում խոսելուց այն մասին, ինչ մի րոպե առաջ ինքն էր սկսում տենդոտ խանդավառությամբ։ Իշխանը զարմանքով ու ափսոսանքով իմացավ, որ այդ երեկո նրան անարգել թույլ էին ավել երկու լիք բաժակ շամպայն խմել և որ նրա առջևի սկսած բաժակը արդեն երրորդն էր։ Բայց նա հետո միայն իմացավ դա. իսկ այս րոպեիս այնքան էլ ուշադիր չէր։
 
— Իսկ գիտե՞ք, որ ես անչափ ուրախ եմ, որ հենց այսօր է ձեր ծննդյան օրը,— բղավեց Իպոլիտը։
 
— Ինչո՞ւ։
 
— Կտեսնեք. շուտ արեք, նստեցեք, նախ և առաջ հենց նրա համար, որ հավաքվել են ձեր այս բոլոր... մարդիկ։ Ես այդպես էլ հույս ունեի, որ մարդիկ կլինեն, կյանքումս առաջին անգամ է հույսս արդարանում։ Բայց ափսոս, որ չգիտեի ձեր ծննդյան մասին, թե չէ նվերով կգայի... Հա՜-հա՜։ Դե, գուցե, ես հենց նվերով եմ եկել։ Լուսանալուն շա՞տ կա։
 
— Մինչև լուսաբացը երկու ժամ էլ չի մնում,— նկատեց Պտիցինը, ժամացույցին նայելով։
 
— Բայց հիմա ինչի՞ համար է պետք լուսաբացը, երբ դուրսը առանց այն էլ կարդալ կարելի է,— նկատեց մեկը։
 
— Նրա համար, որ ինձ պետք է տեսնել արևի եզրիկը։ Կարելի՞ է խմել արևի կենացը, իշխան, ի՞նչ եք կարծում։
 
Իպոլիտը հարցնում էր կոպիտ, բոլորին դիմելով առանց այլևայլության, ասես հրաման էր արձակում, բայց, կարծես, ինքը չէր նկատում այդ։
 
— Խմենք, թերևս, միայն թե դուք հանգստանայիք, հը՞, Իպոլիտ։
 
— Դուք շարունակ քնելու մասին եք խոսում, դուք, իշխան, իմ դայա՞կն եք։ Հենց որ արևը ծագի և «երգի» երկնքում (այդ ո՞վ է ասել բանաստեղծությամբ «հիմն է երգում արփին». անիմաստ է, բայց լավ է), մենք կքնենք։ Լեբեդև։ Չէ՞ որ արևը կյանքի աղբյուրն է։ Ի՞նչ է նշանակում «կյանքի աղբյուրը» հայտնության մեջ։ Դուք լսե՞լ եք «Օշինդր աստղի» մասին, իշխան։
 
— Ես լսել եմ, որ Լեբեդևն այդ «Օշինդր աստղն» ընդունում է Եվրոպայում տարածված երկաթուղու ցանցի տեղ։
 
— Ոչ, թույլ տվեք, այդպես չի՜ կարելի,— բղավեց Լեբեդևը, վեր թռչելով ու թևերը թափահարելով, կարծես կամենալով դադարեցնել սկսվող ընդհանուր ծիծաղը,— թույլ տվեք։ Այս պարոնների հետ... այս բոլոր պարոնները դարձավ հանկարծ նա իշխանին,— չէ՞ որ դա որոշ առումով է, ահա թե ինչ...— և նա առանց քաշվելու երկու անգամ խփեց սեղանին, որից ծիծաղն ավելի սաստկացավ։
 
Լեբեդևը թեև իր սովորական «իրիկնային» վիճակում էր, բայց այս անգամ չափազանց բորբոքված ու գրգռված էր դրան նախորդած «գիտական» երկար վիճաբանությունից, իսկ այդպիսի դեպքերում դեպի իր ընդդիմախոսները վերաբերվում էր անսահման և վերին աստիճանի բացահայտ արհամ արհանքով։
 
— Այդ այդպես չէ։ Մենք, իշխան, կես ժամ առաջ պայման կապեցինք, որ չնդհատեն, որպեսզի չհռհռան, քանի դեռ որևէ մեկը խոսում է, որպեսզի թույլ տան նրան ազատորեն ամեն ինչ ասել, իսկ հետո թող աթեիստները, եթե ուզում են, առարկեն. մենք գեներալին նախագահ կարգեցինք, ահա՛։ Թե չէ ի՞նչ։ Այդպես ամեն մեկին կարելի է շշկլեցնել, ամեն մի մտքի վրա, խորունկ մտքի...
 
— Դե խոսեցեք, խոսեցեք, ոչ ոք չի շշկլեցնում,— հնչեցին ձայներ։
 
— Խոսեցեք, բայց անհեթեթ բաներ մի ասեք։
 
— Այդ ի՞նչ «Օշինդր աստղ» է,— տեղեկացավ մեկը։
 
— Գաղափար չունեմ,— պատասխանեց գեներալ Իվոլգինը, գոռոզ տեսքով գրավելով նախագահի իր նոր տեղը։
 
— Ես զարմանալի սիրում եմ այս բոլոր վեճերն ու գրգիռները, իշխան, հասկանալի է, գիտական,— այդ միջոցին մրթմրթում էր Կելլերը, կատարյալ արբեցած ու անհամբեր շուռումուռ գալով աթոռի վրա,— գիտական և քաղաքական,— անսպասելիորեն դարձավ նա հանկարծ Եվգենի Պավլովիչին, որ նստած էր համարյա նրա կողքին։— Գիտե՞ք, ես շատ եմ սիրում թերթերում կարդալ անգլիական պառլամենտների մասին, այսինքն՝ ոչ այն մտքով, թե նրանք ինչի մասին են դատողություններ անում այնտեղ (ես, գիտե՞ք, քաղաքագետ չեմ) այլ այն, թե ինչպե՞ս են նրանք իրար հետ բացատրվում, ինչպես են իրենց պահում, այսպես ասած, իբրև քաղաքագետներ. «դիմացս նստած ազնիվ վիկոնտը», «ազնիվ կոմսը, որն ինձ համամիտ ՝», «իմ ազնիվ ընդդիմախոսը, որը զարմացրեց Եվրոպան իր առաջարկությամբ», այսինքն՝ ահա բոլոր այս արտահայտությունները, ազատ ժողովրդի այդ ամբողջ պառլամենտարիզմը — ահա թե ինչն է հրապուրիչ մեզպեսների համար։ Ես գերվում եմ, իշխան։ Ես միշտ արտիստ եմ եղել հոգուս խորքում, երդվում եմ ձեզ, Եվգենի Պավլովիչ։
 
— Սրանից հետո էլ ի՞նչ,— բորբոքվում էր մի ուրիշ անկյունում Գանյան,— ձեր կարծիքով դուրս է գալիս, որ երկաթուղիները անիծվա՞ծ են, որ նրանք մարդկության կործանո՞ւմն են, որ դրանք երկրի վրա իջած խո՞ց են, որպեսզի պղտորեն «կյանքի աղբյուրները»։
 
Գավրիլա Արդալինովիչը այդ երեկո առանձնապես հուզված տրամադրության մեջ էր, և ուրախ, գրեթե հրճվագին տրամադրության մեջ, ինչպես թվաց իշխանին։ Լեբեդևի հետ նա, իհարկե, կատակում էր, բորբոքելով նրան, բայց շուտով ինքն էլ տաքացավ։
 
— Ոչ թե երկաթուղիները, ո՜չ,— առարկում էր Լեբեդևը միաժամանակ և՛ փրփրելով, և՛ անչափելի բավականություն ստանալով,— մենակ բուն երկաթուղիները չեն պղտորի կյանքի աղբյուրները, իսկ այդ բոլորը ամբողջովին անիծված է, մեր վերջին դարերի այդ ամբողջ տրամադրությունը, նրա ընդհանուր ամբողջությամբ, գիտական ու գործնական, կարող է պատահել, իսկապես որ անիծված է։
 
— Հաստա՞տ անիծված է, թե միայն կարող է պատահել։ Չէ՞ որ սա կարևոր է այս դեպքում,— տեղեկացավ Եվգենի Պավլովիչը։
 
— Անիծված է, անիծված, հաստատ անիծված — կրակ կտրած հաստատեը Լեբեդևը։
 
— Մի շտապեք, Լեբեդև, դուք առավոտները շատ ավելի բարի եք,— ժպտալով նկատեց Պտիցինը։
 
— Բայց դրա փոխարեն երեկոներն ավելի անկեղծ եմ։ Երեկոներն ավելի մտերմական ու անկեղծ, եմ,— եռանդով նրա կողմը դարձավ Լեբեդևը,— ավելի պարզասիրտ եմ ու որոշակի, ավելի ազնիվ ու հարգալիր, ու թեև դրանով ես կողքս ձեր հարվածի տակ եմ դնում, բայց թքա՛ծ, ես ձեզ բոլորիդ մարտի եմ հրավիրում հիմա, բոլոր աթեիստներիդ, ինչո՞վ կփրկեք դուք աշխարհը և ինչում եք գտել նրա նորմալ ուղին. դուք՝ գիտության, արդյունաբերության, ասոցիացիաների, աշխատավարձի և այլ բաների մարդիկդ։ Ինչո՞վ։ Վարկո՞վ։ Ի՞նչ բան է վարկը։ Ձեզ ո՞ւր կհասցնի վարկը։
 
— Ա՜յ թե հետաքրքրություն ունեք,— նկատեց Եվգենի Պավլովիչը։
 
— Իսկ իմ կարծիքն այն է, որ ով այդպիսի հարցերով չի հետաքրքրվում, նա բարձրաշխարհիկ շենապան<ref>Շենապան (ֆրանս. chenapan-ից) — անբան։
</ref> է։
 
—- Դե գոնե կհանգեցնի համընդհանուր համերաշխության և շահերի հավասարակշռության,— նկատեց Պտիցինը։
 
— Եվ միայն, միա՜յն։ Չընդունելով ոչ մի բարոյական հիմք, բացի անձնական էգոիզմից և նյութական անհրաժեշտությունի՞ց։ Համընդհանուր խաղաղություն, համընդհանուր երջանկություն՝ անհրաժեշտությունի՞ց։ Արդյոք այդպե՞ս պետք է հասկանալ ձեզ, եթե համարձակվեմ հարցնել, ողորմած տեր իմ։
 
— Բայց ախր ապրելու, ուտելու և խմելու, իսկ վերջապես ավելի լիակատար, գիտական համոզմունքն այն մասին, որ դուք այդ անհրաժեշտությունը չեք բավարարի առանց շահերի համ ընդհանուր ասոցիացիայի և համերաշխության, կարծես թե բավականաչափ հաստատուն միտք է, որպեսզի հենակետ և «կյանքի աղբյուր» լինի մարդկության ապագա դարերի համար,— նկատեց արդեն լրջորեն տաքացած Գանյան։
 
— Ուտելու և խմելու անհրաժեշտությունը, այսինքն՝ լոկ ինքնապահպանման զգացումը...
 
— Բայց մի՞թե քիչ է լոկ ինքնապահպանման զգացումը։ Չէ՞ որ ինքնապահպանման զգացումը մարդկության նորմալ օրենքն է...
 
— Այդ ո՞ւվ ասաց,— բղավեց հանկարծ Եվգենի Պավլովիչը,— այդ ճիշտ է, օրենք է, բայը նույնքան նորմալ, որքան և ավերման օրենքը, իսկ թերևս նաև ինքնավերման։ Մի՞թե միայն ինքնապահպանման մեջ է մարդկության ողջ նորմալ օրենքը։
 
— Էհե՜,— բացականչեց Իպոլիտը, արագ շրջվեց Եվգենի Պավլովիչի կողմը և արտասովոր հետաքրքրությամբ սկսեց զննել նրան. բայց տեսնելով, որ նա ծիծաղում է, ինքն էլ ծիծաղեց, բոթեց կողքին կանգնած Կոլյային և նորից հարցրեց նրան, թե ժամը քանիսն է, նույնիսկ ինքը դեպի իրեն քաշեց Կոլյայի արծաթե ժամացույցը և ագահորեն նայեց սլաքին։ Ապա, կարծես ամեն ինչ մոռանալով, նա ձգվեց բազմոցի վրա, ձեռները մեկնեց գլխավերևը և սկսեց նայել առաստաղին. կես րոպե անց նա նորից նստած էր սեղանի առաջ շտկված և ունկնդրելով ծայր աստիճան տաքացած Լեբեդևի շաղակրատանքը։
 
— Խորամանկ և ծաղրալի միտք, նախատակա՜ն միտք, ագահորեն որսաց Լեբեդևը Եվգենի Պավլովիչի պարադոքսը,— ախոյաններին կռվի հրահրելու նպատակով արտահայտած միտք, բայց ճի՜շտ միտք։ Որովհետև դուք, բարձրաշխարհիկ ծաղրասեր ու կավալերիստ (թեև ոչ առանը ընդունակությունների), ինքներդ էլ չգիտեք, թե ձեր միտքը ի՜նչ աստիճանի խոր միտք է, ճի՜շտ միտք է։ Այո֊ո՛։ Ինքնավերման և ինքնապահպանման օրենքը միանման ուժեղ է մարդկության մեջ։ Սատանան նույն ձևով իշխում է մարդկության վրա մինչև ժամանակների մեզ դեռ անհայտ սահմանը։ Դուք ծիծաղո՞ւմ եք։ Դուք չե՞ք հավատում սատանային։ Սատանային չհավատալը ֆրանսիական միտք է, թեթև միտք է։ Գիտե՞ք արդյոք, թե ով է սատանան։ Գիտե՞ք արդյոք, թե ինչ է նրա անունը։ Եվ նույնիսկ նրա անունը չիմանալով, Վոլտերի օրինակով դուք ծիծաղում եք նրա ձևի վրա, ձեր իսկ հնարած՝ նրա կճղակների, պոչի ու պոզերի վրա, որովհետև պիղծ ոգին մեծ և ահեղ ոգի է և ոչ թե մի արարած կճղակներով ու պոզերով, որ դուք եք վերագրել նրան։ Բայց հիմա նա՛ չի բանը...
 
— Ինչի՞ց գիտեք, որ հիմա նա չի բանը,— հանկարծ բղավեց Իպոլիտը և հռհռաց կարծես նոպայի մեշ։
 
— Ճարպիկ և ակնարկո՜ղ միտք,— գովեց Լեբեդևը,— բայց դարձյալ նա չի բանը, այ, մեր հարցն այն է, թե արդյոք չե՞ն թուլացել «կյանքի աղբյուրները» ուժեղացմամբ...
 
— Երկաթուղիների՞,— բղավեց Կոլյան։
 
— Ոչ թե երկաթուղիների, երիտասարդ, բայց մոլեգնած անչափահաս, այլ այն ողջ ուղղության, որոնց երկաթուղիները կարող են ծառայել, այսպես ասած, որպես պատկեր, գեղարվեստական արտահայտություն։ Աճապարում են, թրխկացնում, շրխկացնում և, ասում են, թե շտապում են մարդկության երջանկությա՜ն համար։ «Չափազանց աղմկալի ու արդյունաբերական է դառնում մարդկությունը, քիչ է հոգևոր հանգստությունը»,— գանգատվում է մի հեռացած մտածող։ «Թող այդպես լինի, բայց քաղցած մարդկությանը հաց կրող սայլերի թխկթխկոցը գուցե ավելի լավ է հոգևոր հանգստությունից»,— հաղթականորեն պատասխանում է նրան մի այլ մտածող, որ շրջում է ամենուրեք և սնապարծությամբ հեռանում է առաջինից։ Չեմ հավատում ես, նողկալի Լեբեդևս, մարդկությանը հաց կրող սայլերին։ Որովհետև ամբողջ մարդկությանը հաց կրող սայլերը, առանց իրենց արարմունքի համար բարոյական հիմք ունենալու, կարող են ամենասառնարյուն կերպով մարդկության նշանակալից մասին զրկել իրենց կրած հացի հաճույքից, որը և արդեն եղել է...
 
— Այդ սայլե՞րը կարող են ամենասառնարյուն կերպով զրկել,— վրա բերեց մեկը։
 
— Որը և արդեն եղել է,— հաստատեց Լեբեդևը, ուշադրության չարժանացնելով հարցը,— արդեն եղել է Մալթուսը, մարդկության բարեկամը։ Բայց բարոյական երերուն հիմքեր ունեցող մարդկության բարեկամը մարդկության մարդակեր է, չխոսելով նրա սնափառության մասին, որովհետև փորձեցեք վիրավորել մարդկության անհամար բարեկամներից որևէ մեկի սնափառությունը, և նա անմիջապես պատրաստ է, մանր վրիժառությունից դրդված, աշխարհը հրդեհել չորս կողմից, ի դեպ, ճիշտ այնպես, ինչպես մեզնից յուրաքանչյուրը, արդարն ասած, ինչպես և ես, բոլորից ամենանողկալին, որովհետև ես, գուցե առաջինը փայտ կբերեմ, իսկ ինքս հեռու կփախչեմ։ Բայը դարձյալ բանն այդ չէ։
 
— Հապա ո՞րն է վերջապես։
 
— Զանձրացրե՜ց։
 
— Բանը անցած դարերից եկող հետևյալ անեկդոտն է, որովհետև ես հարկադրված եմ անցած դարերի անեկդոտ պատմել։ Մեր ժամանակ, մեր հայրենիքում, որը, հուսով եմ, սիրում եք, ինչպես և ես, պարոնայք, որովհետև ես իմ կողմից պատրաստ եմ նույնիսկ ողջ արյունս հեղել...
 
— Հետո՜։ Հետո՜։
 
— Մեր հայրենիքում, ինչպես նաև Եվրոպայում, համընդհանուր, ամենուրեքյա և սարսափելի սովեր են այցելում մարդկությանը, ըստ հնարավոր հաշվառման և որքան կարողանում եմ հիշել, հիմա ոչ ավելի հաճախ, քան քառորդ դարում մեկ անգամ, այլ խոսքերով ասած, յուրաքանչյուր քսանհինգամյակում մեկ անգամ։ Չեմ վիճում ստույգ թվի մասին, բայց համեմատաբար շատ հազվադեպ։
 
— Ինչի՞ հետ համեմատաբար։
 
— Տասներկուերորդ հարյուրամյակի և նրան հարևան հարյուրամյակների՝ թե մեկ և թե մյուս կողմից։ Որովհետև այն ժամանակ, ինչպես գրում և հաստատում են գրողները, մարդկության մեջ համընդհանուր սովերը նրան այցելում էին երկու տարին մեկ կամ ծայրահեղ դեպքում երեք տարին մեկ, այնպես որ իրերի այդ դրության պայմաններում մարդ դիմում էր նույնիսկ մարդակերության, թեպետև գաղտնիք պահելով։ Այդպիսի ձրիակերներից մեկը, ծերության մոտենալով, ինքն իրեն, և առանց որևէ հարկադրանքի հայտարարել է, որ նա իր երկարատև ու աղքատիկ կյանքի ընթացքում մեռցրել և կատարելապես գաղտնի անձամբ կերել է վաթսուն վանական և մի քանի աշխարհիկ մանուկներ, մի վեց հատ, ոչ ավելի, այսինքն՝ իր կերած հոգևորականների քանակի համեմատությամբ շատ քիչ։ Իսկ աշխարհիկ հասակավոր մարդկանց, ինչպես պարզվել է, նա այդ նպատակով երբեք ձեռք չի տվել։
 
— Այդ չի՛ կարող պատահել,— բղավեց նախագահն ինքը, գեներալը, համարյա նույնիսկ վիրավորված ձայնով,— ես հաճախ եմ նրա հետ խոսում ու վիճում, պարոնայք, և շարունակ նման մտքերի մասին, բայց ամենից հաճախ նա այնպիսի անհեթեթ բաներ է առաջ քաշում, որ նույնիսկ մարդ չի ուզում լսել, մի՜ գրոշի ճշմարտություն չկա։
 
— Գեներա՜լ։ Հիշիր Կարսի պաշարումը, իսկ դուք, պարոնայք, գիտցեք, որ իմ անեկդոտը մերկ ճշմարտություն է։ Իսկ իմ կողմից կասեմ, որ գրեթե ամեն մի իրականություն թեև ունի իր անվիճելի փոփոխությունները, բայց գրեթե միշտ անհավանական է և ոչ ճշմարտանման։
 
— Բայց մի՞թե կարելի է. վաթսուն ճգնավոր ուտել,— ծիծաղում էին շուրջը։
 
— Թեև նա կերել է ոչ միանգամից, որ ակնհայտ է, բայց կարող է պատահել, տասնհինգ կամ քսան տարվա ընթացքում, որ արդեն միանգամայն հասկանալի է և բնական...
 
— Եվ բնակա՜ն։
 
— Եվ բնակա՜ն,— մանրախնդիր համառությամբ հակահարձակ էր լինում Լեբեդևը,— և բացի ամեն ինչից, կաթոլիկ վանականը արդեն իր բուն բնությամբ հաճկատար ու հետաքրքրասեր է, և նրան շատ հեշտ է հրապուրել անտառ կամ որևէ մեկուսի տեղ և այնտեղ նրա հետ վարվել վերը ասվածի ձևով. այնուամենայնիվ չեմ վիճում, որ կերված անձանց քանակը չափազանց շատ է, նույնիսկ անժուժկալության աստիճան։
 
— Գուցե և ճիշտ է դա, պարոնայք,— նկատեց հանկարծ իշխանը։
 
Մինչև հիմա նա լուռ լսում էր վիճաբանողներին և խոսակցությանը չէր խառնվում, հաճախ սրտանց ծիծաղում էր, հետևելով ընդհանուր ծիծաղի պոռթկումին։ Երևում էր, որ նա սաստիկ ուրախ էր, որ այդպես ուրախ, այդպես աղմկալի է, նույնիսկ նրա համար, որ այդքան շատ են խմում։ Գուցե նա ոչ մի բառ էլ չարտասաներ ամբողջ երեկո, բայց հանկարծ կարծես թե որոշեց խոսել։ Իսկ խոսել սկսեց արտակարգ լրջությամբ, այնպես որ բսլորը հանկարծ հհտաքրքրությամբ շրջվեցին դեպի նա։
 
— Ես, պարոնայք, ուզում եմ ասել, որ այն ժամանակ լինում էին այդպիսի հաճախակի սովեր։ Դրա մասին ես էլ եմ լսել, թեև վատ գիտեմ պատմությունը։ Բայց, կարծեմ, հենց այդպես էլ պետք է եղած լինի։ Երբ շվեյցարական լեռներն ընկա, շատ էի զարմանում լեռնալանջերին, սեպ ժայռերի վրա և ուղղաբերձ բարձունքից առնվազն կես վերստ (դա նշանակում է մի քանի վերստ արահետներով) հեռու կառուցած ասպետական հին ամրոցների փլատակների վրա։ Հայտնի է, թե ինչ բան է ամրոցը, դա քարերի մի ամբողջ սար է։ Սարսափելի, անհնա՜ր աշխատանք։ Եվ ինչ խոսք, դա կառուցել են այդ բոլոր թշվառ մարդիկ, վասալները։ Բացի դրանից, նրանք պետք է ամեն տեսակ տուրքեր տային և պահեին հոգևորականությանը։ Էլ ե՞րբ կարող էին իրենց կերակրել և հողը մշակել։ Սրանք այն ժամանակ քիչ էին, ըստ երևույթին շատ էին մեռնում սովից, և գուցե տառացիորեն ուտելու բան չունեին։ Ես նույնիսկ երբեմն մտածում էի, թե ինչպե՞ս այն ժամանակ բոլորովին չոչնչացան այդ մարդիկ և մի բան չպատահեց նրանց, ինչպե՞ս կարողացան տանել ու դիմանալ։ Որ կային մարդակերներ և, գուցե, շատ շատ, ապա դրանում Լեբեդևն, անկասկած, իրավացի է, միայն չգիտեմ նա ինչո՞ւ այստեղ խառնեց հատկապես վանականներին և դրանով ի՞նչ է ուզում ասել։
 
— Երևի այն, որ տասներկուերորդ դարում միայն վանականներին կարելի էր ուտել, որովհետև միայն նրանք էին գեր,— նկատեց Գավրիլա Արդալիոնովիչը։
 
— Ամենահիանալի և ամենաճիշտ մի՜տք,— բղավեց Լեբեդևը,— որովհետև աշխարհիկներին նա նույնիսկ ձեռք չէր տվել։ Ոչ մի հատիկ աշխարհիկ՝ վաթսուն համար հոգևորականի դիմաց, և դա սարսափելի միտք է, պատմական միտք է, վիճակագրական միտք է, վերջապես, և կարողացողը հենց այսպիսի փաստերից է վերստեղծում պատմությունը, որովհետև թվական ճշգրտության է հասցվում, որ հոգևորականությունը առնվազն վաթսուն անգամ ավելի երջանիկ ու ազատ է ապրել, քան այն ժամանակվա մնացած ամբողջ մարդկությունը։ Եվ կարող է պատահել, առնվազն վաթսուն անգամ ավելի գեր է եղել մնացած ամբողջ մարդկությունից...
 
— Չափազանցություն է, չափազանցությո՜ւն, Լեբեդև,— հոհռում էին չորս կողմը։
 
— Համաձայն եմ, որ պատմական միտք է, բայց ինչի եք հանգում,— շարունակում էր հարցնել իշխանը։ (Նա խոսում էր այնպիսի լրջությամբ և Լեբեդևի նկատմամբ, որի վրա բոլորը ծիծաղում էին, ամենայն կատակի ու ծաղրի այնպիսի բացակայությամբ, որ նրա տոնը, ամբողջ կամպանիայի ընդհանուր տոնի մեջ, ակամա դառնում էր կոմիկական. մի քիչ էլ՝ և կսկսեին նրա վրա էլ ծիծաղել, բայց նա այդ բանը չէր նկատում)։
 
— Մի՞թե չեք տեսնում, իշխան, որ սա ցնդած է,— նրա ականջին թեքվեց Եվգենի Պավլովիչը։— Ինձ քիչ առաջ այստեղ ասացին, որ նա խելքը թռցրել է փաստաբանության և փաստաբանական ճառերի վրա և ուզում է քննություն Բռնել։ Ես սպասում եմ հիանալի պարոդիայի։
 
— Ես հանգում եմ հսկայական եզրակացության,— այդ միջոցին որոտում էր Լեբեդևը։— Բայց ամենից առաջ քննենք ոճրագործի հոգեբանական և իրավաբանական վիճակը։ Մենք տեսնում ենք, որ ոճրագործը կամ, այսպես ասած, իմ կլիենտը, չնայած ուրիշ ուտելի բան գտնելու անհնարինությանը, իր հետաքրքիր կարիերայի ընթացքում մի քանի անգամ դրսևորում է զղջալու ցանկություն և իրենից վանում է հոգևորականությանը։ Մենք դա պարզ տեսնում ենք փաստերից. հիշատակվում է, որ նա այնուամենայնիվ հո կերե՞լ է հինգ թե վեց մանուկ, համեմատաբար չնչին թիվ, դրա փոխարեն՝ նշանակալից այլ տեսակետից։ Երևում է, որ տանջվելով սարսափելի խայթերից (քանի որ իմ կլիենտը կրոնասեր ու խղճով մարդ է, որ ես կապացուցեմ) և որպեսզի ըստ հնարավորին նվազեցնի իր ոճիրը, նա, փորձի համար, վեց անգամ վանական սնունդը փոխել է աշխարհիկ սնունդով։ Որ փորձի համար է փոխել, դա նորից անկասկած է, որովհետև եթե միայն գաստրոնոմիական տարատեսակության համար լիներ, ապա վեց թիվը շատ չնչին կլիներ, ինչո՞ւ միայն վեց համար և ոչ թե երեսուն։ (Ես վերցնում եմ կեսին կես)։ Բայց եթե դա միայն փորձի համար է եղել, միայն սրբապղծության և եկեղեցականը վիրավորելու վախի հուսահատությունից, ապա այդ ժամանակ վեց թիվը դառնում է շատ հասկանալի, որովհետև վեց փորձը, խղճի խայթը բավարարելու համար, ավելի քան բավական է, որովհետև չէ՞ որ փորձերը չէին կարող հաջող լինել։ Եվ, նախ և առաջ, իմ կարծիքով, մանուկը շատ փոքր է, այսինքն՝ խոշոր չէ, այնպես որ որոշակի ժամանակի համար կպահանջվեին եռակի, հնգակի անգամ ավելի մեծ թվով մանուկներ, քան հոգևորականներ, այնպես որ, եթե նույնիսկ մեղքը մի կողմից պակասում էր, ապա վերջ ի վերջո ավելանում էր մյուս կողմից, եթե ոչ որակով, ապա քանակով։ Այսպես դատելով, պարոնայք, իհարկե, հասկանում եմ տասներկուերորդ դարի ոճրագործի սրտում եղածը։ Ինչ վերաբերում է ինձ՝ տասնիններորդ դարի մարդուս, ապա ես, գուցե, այլ կերպ դատեի, որի մասին և իրազեկ եմ դարձնում ձեզ, այնպես որ, կարիք չկա, պարոնայք, որ սեպերդ ցույց տաք ինձ, իսկ ձեզ, գեներալ, արդեն բոլորովին վայել չէ։ Երկրորդ՝ մանուկը, իմ անձնական կարծիքով, սննդարար չէ, կարող է պատահել նույնիսկ շատ քաղցրումեղցր է, այնպես որ պահանջը չբավարարելով, թողնում է միայն խղճի խայթեր։ Հիմա եզրակացությունը, ֆինալը, պարոնայք, ֆինալը, որն իր մեջ պարունակում է այն ժամանակվա և մեր ժամանակվա մեծագույն հարցերից մեկի լուծումը։ Ոճրագործը բանը նրանով է վերջացնում, որ գնում և իրեն մատնում է հոգևորականությանը և հանձնվում կառավարության ձեռքը։ Հարց ենք տալիս, այն ժամանակվա համաձայն ի՞նչ տանջանքներ էին սպասում նրան, ի՞նչ անիվներ, ի՞նչ խարույկներ ու կրակներ։ Ուրեմն ո՞վ էր մղում նրան գնալ և մատնել իրեն։ Ինչո՞ւ ուղղակի կանգ չառներ վաթսուն թվի վրա, գաղտնիքը պահպանելով մինչև իր վերջին շունչը փչելը։ Ինչո՞ւ ուղղակի հանգիստ չթողներ վանականությանը և չապրեր ճգնավորի պես ապաշխարելով։ Վերջապես, ինչո՞ւ ինքը վանական չդառնար։ Ահա հենց այստեղ է լուծումը։ Նշանակում է, ախր մի բան կար, որ ավելի ուժեղ էր խարույկներից ու կրակներից, և նույնիսկ քսանամյա սովորությունից։ Նշանակում է, ախր, կար մի շատ ավելի ուժեղ միտք, քան բոլոր դժբախտությունները, երաշտները, խոշտանգումները և ժանտախտները, բորերը և այն ամբողջ դժոխքը, որին չէր դիմանա մարդկությունը առանց այն շաղկապող, սրտին ուղղություն տվող և կյանքի աղբյուրները բեղմնավորող մտքի։ Հապա՛ ինձ ցույց տվեք այդպիսի ուժի նման որևէ բան արատների ու երկաթուղիների մեր դարում... այսինքն՝ պետք էր ասել շոգենավերի ու երկաթուղիների մեր դարում, բայց ես ասում եմ արատների ու երկաթուղիների մեր դարում, որովհետև ես հարբած եմ, բայց արդարացի՜։ Ինձ ցույց տվեք ներկայիս մարդկությունը շաղկապող մի միտք, որը թեկուզ կիսով չափ այն ուժն ունենար, ինչպես այն հարյուրամյակներում։ Եվ համարձակվեցեք ասել, վերջապես, թե չեն թուլացել, չեն պղտորվել կյանքի աղբյուրները այդ «աստղի» ներքո, մարդկանց կաշկանդած այդ ցանցի տակ։ Եվ ինձ մի վախեցրեք ձեր բարեկեցությամբ, ձեր հարստություններով, սովի հազվադեպությամբ և հաղորդակցության ճանապարհների արագությամբ։ Հարստությունն ավելի է, բայց ուժը՝ պակաս. շաղկապող միտքը կորել է. ամեն ինչ կակղել է, ամեն ինչ մգլել է և բոլորը մգլե՜լ են։ Մենք բոլորս, բոլորս, բոլորս մգլոտե՜լ ենք... բայց բավական է և հիմա բանն այդ չէ, այլ այն, թե կարգադրություն չանե՞նք արդյոք, հարգարժան իշխան, հյուրերի համար պատրաստած խորտիկների մասին։
 
Լեբեդևը, որ ունկնդիրներից մի քանիսին քիչ էր մնում իսկապես զայրացներ (պետք է նկատենք, որ շշերն ամբողջ ժամանակ չէին դադարում բացվելուց), իր ճառն անսպասելիորեն եզրափակելով խորտիկների մասին արած հայտարարությամբ, անմիջապես իր հետ հաշտեցրեց բոլոր հակառակորդներին։ Նա ինքը այդպիսի եզրափակումն անվանում էր «գործի ճարպիկ, փաստաբանական ընթացք»։ Նորից ուրախ քրքիջ բարձրացավ, հյուրերն աշխուժացան, բոլորը վեր կացան սեղանի մոտից, որպեսզի մարմինները մարզեն և մի քիչ քայլեն պատշգամբում։ Միայն Կելլերն էր դժգոհ մնացել Լեբեդևի ճառից և արտակարգ հուզմունքի մեջ էր։
 
— Հարձակվում է լուսավորության վրա, քարոզում է տասներկուերորդ հարյուրամյակի վայրագություն, կոտրատվում է, և նույնիսկ առանց որևէ պարզասրտության, իսկ ինքը տունն ինչպե՞ս ձեռք բերեը, թույլ տվեք հարցնել,— ասում էր նա բարձրաձայն, կանգնեցնելով բոլորին և յուրաքանչյուրին։
 
— Ես տեսել եմ հայտնության իսկական մեկնաբանի,— ասում էր գեներալը մի ուրիշ անկյունում, այլ ունկնդիրների և, ի միջի այլոց, Պտիցինին, որին պահում էր կոճակից բռնած,— հանգուցյալ Գրիգորի Սեմյոնովիչ Բուրմիստրովին. նա, այսպես ասած, այրում էր սրտերը։ Եվ, նախ, ակնոց էր դնում, բաց էր անում մի մեծ սև կաշեկազմ հինավուրց գիրք, և, ընդսմին, ալեհեր մորուք, երկու մեդալ նվիրատվությունների համար։ Սկսում էր խստաշունչ ու խիստ, նրա առաջ խոնարհվում էին գեներալները, իսկ տիկնայք ուշագնաց էին լինում, դե, իսկ սա խորտիկներո՜վ է եզրափակում։ Ոչ մի բանի նման չէ։
 
Գեներալին ունկնդրող Պտիցինը ժպտում էր և կարծես պատրաստվում գլխարկը վերցնել, բայց ոնց որ սիրտ չէր անում կամ անընդհատ մոռանում էր իր մտադրությունը։ Գանյան, դեռ նախքան սեղանի առջևից վեր կկենային, հանկարծ դադարեց խմելուց և իրենից հեռացրեց բաժակը, ինչ֊որ մռայլ բան սահեց նրա դեմքով։ Երբ սեղանի առջևից վեր կացան, նա մոտեցավ Ռոգոժինին և նստեց նրա կողքին։ Կարելի էր կարծել, որ նրանք ամենամտերիմ հարաբերությունների մեջ են։ Ռոգոժինը, որ սկզբում նույնիսկ մի քանի անգամ պատրաստվում էր սուսիկ֊փուսիկ հեռանալ, հիմա նստել էր անշարժ, գլխահակ և կարծես նույնիսկ մոռացած, որ ուզում էր գնալ։ Ամբողջ երեկոյի ընթացքում նա ոչ մի կաթիլ գինի չէր խմել և շատ մտածկոտ էր, լոկ երբեմնակի բարձրանում էր աչքերը և դիտում բոլորին ու յուրաքանչյուրին։ Իսկ հիմա կարելի էր կարծել, որ նա այստեղ իր համար ինչ֊որ շատ կարևոր բանի է սպասում, և առժամանակ որոշել է չգնալ։
 
Իշխանը խմել էր ընդամենը երկու կամ երեք բաժակ և միայն զվարթ էր։ Սեղանի առջևից բարձրանալիս, նա հանդիպեց Եվգենի Պավլովիչի հայացքին, հիշեց իրենց մեջ կայանալիք առաջիկա բացատրության մասին և սիրալիր ժպտաց։ Եվգենի Պավլովիչը գլուխ տվեց նրան և հանկարծ ցույց տվեց Իպոլիտին, որին ուշադիր հետևում էր այդ րոպեին։ Իպոլիտը քնել էր բազմոցին մեկնված։
 
— Ասացեք, ինչո՞ւ է ձեզ մոտ խցկվել այս անպիտան տղան, իշխան,— ասաց նա հանկարծ այնպիսի բացահայտ վրդովմունքով, նույնիսկ չարությամբ, որ իշխանը զարմացավ։— Գրազ կգամ, որ նրա մտքում մի չար բան կա։
 
— Ես նկատեցի,— ասաց իշխանը,— գոնե ինձ այդպես թվաց, որ նա այսօր ձեզ չափից ավելի է հետաքրքրում, Եվգենի Պավլիչ. ճի՞շտ է։
 
— Եվ ավելացրեք. իմ սեփական հանգամանքներում ես ինքս էլ մտածելու շատ բան ունեմ, այնպես որ ինձ վրա զարմանում եմ, որ ամբողջ երեկո աչքս չեմ կարող կտրել այդ զզվելի երեսից։
 
— Նրա դեմքը գեղեցիկ է...
 
— Ահա, ահա, նայեցե՜ք,— ճչաց Եվգենի Պավլովիչը, քաշելով իշխանի թևից,— ահա...
 
Իշխանը մի անգամ էլ զարմացած նայեց Եվգենի Պավլովիչին։
=== V ===
 
Իպոլիտը, որ Լեբեդևի դիսերտացիայի վերջում հանկարծ քնել էր բազմոցի վրա, հիմա հանկարծ զարթնեց, կարծես թե մեկը խթել էր նրա կողքը, ցնցվեց, մի քիչ բարձրացավ տեղից, շուրջը նայեց ու գունատվեց. նույնիսկ ինչ֊որ վախով նա նայում էր շուրջը, բայց գրեթե սարսափ արտահայտվեց նրա դեմքին, երբ նա ամեն ինչ վերհիշեց ու հասկացավ։
 
— Ինչ է, նրանք ցրվո՞ւմ են։ Վերջացա՞վ։ Ամեն ինչ վերջացա՞վ։ Արևը ծագե՞լ է,— հարցնում էր նա տագնապած, բռնելով իշխանի ձեռքը,— ժամը քանի՞սն է։ Ի սեր աստծու, ժամը։ Ես քնով անցա։ Երկա՞ր քնեցի,— ավելացրեց նա համարյա հուսահատ տեսքով, կարծես նա մի այնպիսի բան էր քնով անցկացրել, որից առնվազն կախված էր նրա ամբողջ բախտը։
 
— Դուք քնել եք յոթ կամ ութ րոպե,— պատասխանեց Եվգենի Պավչովիչը։
 
— Ա՜... ընդամենը։ Նշանակում է ես...
 
Եվ նա խորունկ ու ագահ շունչ քաշեց, կարծես իր վրայից դեն գցելով մի ծանր բեռ։ Նա վերջապես գլխի րնկավ, որ ոչինչ «չի վերջացել», որ դեռ լույսը չի բացվել, որ հյուրերը սեղանի առջևից վեր են կացել միայն ուտելու համար և որ վերջացել է միայն Լեբեդևի շաղակրատանքը։ Նա ժպտաց, և թոքախտավորի կարմրությունը, երկու վառ բծով խաղաց նրա այտերին։
 
— Իսկ դուք նույնիսկ րոպեներն եք հաշվել, մինչ ես քնած էի, Եվգենի Պավլիչ,— վրա բերեց նա ծաղրալի,— դուք ամբողջ երեկո ինձնից չէիք կտրում ձեր հայացքը, ես տեսհում էի... Ա՜։ Ռոգոժինը։ Ես հիմա նրան երազումս տեսա,— շշնջաց նա իշխանին, խոժոռվելով ու նշանացի ցույց տալով սեղանի մոտ նստած Ռոգոժինին,— ախ, հա՜,— հանկարծ նորից խոսքը վախեց նա,— իսկ ո՞ւր է հռետորը, ո՞ւր է Լեբեդևը։ Նշանակում է, Լեբեդևը վերջացրե՞ց։ Ինչի՞ մասին էր խոսում նա։ Ճի՞շտ է, իշխան, որ մի անգամ դուք ասել եք, թե աշխարհը կփրկի «գեղեցկությունը»։ Պարոնայք,— բղավեց նա բարձր, բոլորին,— իշխանը պնդում էր, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը։ Իսկ ես պնդում եմ, որ նրա մտքերն այդպես վառվռուն են այն պատճառով, որ նա հիմա սիրահարված է։ Պարոնայք, իշխանը սիրահարված է. քիչ առաջ հենց նա ներս մտավ, ես դրանում համոզվեցի։ Մի՛ կարմրեք, իշխան, ես ձեզ կխղճամ։ Ինչպիսի՞ գեղեցկությունը կփրկի աշխարհը։ Դա ինձ Կոլյան է ասել... Դուք ջերմեռանդ քրիստոնյա՞ եք։ Կոլյան ասում է, որ դուք ձեզ քրիստոնյա եք անվանում։
 
Իշխանն ուշադիր դիտում էր նրան և չպատասխանեց նրա հարցերին։
 
— Դուք ինձ չե՞ք պատասխանում։ Գուցե կարծում եք, թե ես ձեզ շա՞տ եմ սիրում,— հանկարծ ավելացրեց Իպոլիտը, ասես կտրեց։
 
— Ոճ, չեմ կարծում։ Ես գիտեմ, որ դուք ինձ չեք սիրում։
 
— Ինչպե՜ս։ Նույնիսկ երեկվա դեպքից հետո՞։ Երեկ ես ձեզ հետ անկեղծ էի։
 
— Ես երեկ էլ գիտեի, որ ինձ չեք սիրում։
 
— Այսինքն՝ նրա համար, որ ձեզ նախանձո՞ւմ եմ, նախանձո՞ւմ եմ։ Դուք միշտ այդ մտածել եք և հիմա էլ մտածում եք, բայց... բայց ինչո՞ւ եմ ձեզ ասում այդ մասին։ Ես ուզում եմ էլի շամպայն խմել, լցրեք ինձ համար, Կելլեր։
 
— Ձեզ այլևս չի կարելի խմել, Իպոլիտ, չեմ տա...
 
Եվ իշխանը նրանից հեռացրեց բաժակը։
 
— Իսկապես էլ...— անմիջապես համաձայնեց Իպոլիտը, կարծես մտմտալով,— մեկ էլ տեսար, կասեն... բայց ո՞ր գրողիս է պետք, թե նրանք ինչ կասեն։ Ճիշտ չէ՞։ Ճիշտ չէ՞։ Թող հետո ինչ ուզում են ասեն, այնպես չէ՞, իշխան։ Եվ մեր բոլորի ի՞նչ գործն է, թե ինչ կլինի ''հետո՜''... Ասենք, քունը գլխիս է։ Ի՜նչ սարսափելի երազ տեսա հիմա, նոր հիշեցի... Ձեզ այդպիսի երագներ չեմ ցանկանում, իշխան, թեև իրոք, գուցե չեմ սիրում ձեզ։ Ասենք, եթե մեկին չես սիրում, ինչո՞ւ նրան վատ բան ցանկանաս, ճիշտ չէ՞։ Այս ի՞նչ եմ հարցնում ձեզ, շարունակ հարցնում եմ։ Տվեք ինձ ձեր ձեռքը. ես ամուր կսեղմեմ, ահա այսպես... Դուք, այնուամենայնիվ, ինձ մեկնեցիք ձեր ձեռքը։ Նշանակում է, գիտե՞ք, որ ես անկեղծորեն եմ սեղմում այն... Ճիշտ որ, էլ չեմ խմի։ Ժամը քանի՞սն է։ Ասենք, հարկավոր չէ, ես գիտեմ քանիսն է։ Հասել է ժամը։ Հիմա իսկական ժամանակն է։ Այդ ինչ է, այնտեղ անկյունում ուտելի՞ք են դնում։ Նշանակում է, այս սեղանն ազա՞տ է։ Հիանալի է։ Պարոնայք, ես... սակայն այդ բոլոր պարոնները չեն էլ լսում... ես մտադիր եմ մի հոդված կարդալ, իշխան, խորտիկներն, իհարկե, ավելի հետաքրքիր են, բայց...
 
Եվ հանկարծ, բոլորովին անսպասելի, նա իր վերին ծոցագրպանից հանեց մեծ կարմիր կնիքով կնքած գրասենյակային չափսի մի մեծ ծրար։ Նա ծրարը դրեց սեղանին, իր առջև։
 
Այդ անսպասելիությունը տպավորություն գործեց հասարակության վրա, որը դրան պատրաստ չէր կամ, լավ է ասել, պատրաստ էր, բայց ոչ դրան։ Եվգենի Պավլովիչը նույնիսկ վեր թռավ իր աթոռից, Գանյան արագ մոտեցավ սեղանին, Ռոգոժինը նույնպես, բայց ինչ-որ փնթփնթան սրտնեղությամբ, կարծես հասկանալով, թե բանն ինչ է։ Մոտիկում կանգնած Լեբեդևը հետաքրքրասեր աչքերով մոտեցավ ու նայում էր ծրարին, ջանալով կռահել, թե բանն ինչ է։
 
— Այդ ի՞նչ է,— անհանգստացած հարցրեց իշխանը։
 
— Հենց որ արևի ծայրը երևա, ես կպառկեմ, իշխան, ես ասացի. ազնի՛վ խոսք, կտեսնեք,— բացականչեց Իպոլիտը, բայց... բայց... մի՞թե կարծում եք, թե ես ի վիճակի չեմ բացելու այս ծրարը,— ավելացրեց նա մարտահրավերով հայացքը հածելով շուրջը՝ բոլորի վրա և կարծես թե դիմելով անխտիր բոլորին։ Իշխանը նկատեց, որ նա ամբողջովին դողում է։
 
— Մեզնից ոչ մեկի մտքով էլ չի անցնում դա,— պատասխանեց իշխանը բոլորի փոխարեն,— և ինչո՞ւ եք կարծում, թե որևէ մեկը այդ կարծիքի է և այդ ինչ... ինչ տարօրինակ միտք ունեք կարդալու։ Այդ ի՞նչ բան է, Իպոլիտ։
 
— Այդ ի՞նչ բան է։ Էլի ի՞նչ է պատահել նրան,— հարցնում էին շուրջը։
 
Բոլորը մոտենում էին, ոմանք դեռևս ծամելով. կարմիր կնիքով ծրարը բոլորին մագնիսի պես ձգում էր։
 
— Սա երեկ ես ինքս եմ գրել, անմիջապես նրանից հետո, որ ձեզ խոսք տվեցի, որ կտեղափոխվեմ ձեզ մոտ ապրելու, իշխան։ Ես սա գրել եմ երեկ ամբողջ օրը, հետո գիշերը և վերջացրել եմ այսօր առավոտյան. գիշերը, առավոտվա կողմ, ես մի երազ տեսա...
 
— Ավելի լավ չի՞ վաղը,— վարանոտ ընդհատեց իշխանը։
 
— Վաղը «այլևս ժամանակ չի լինի»,— հիստերիկորեն քմծիծաղ տվեց Իպոլիտը։— Բայց մի անհանգստացեք։ ես կկարդամ քառասուն րոպեում, դե, մի ժամում... Եվ տեսնո՞ւմ եք, ինչպես են հետաքրքրվում բոլորը, բոլորը մոտեցել են, բոլորը նայում են իմ կնիքին, և ախր եթե հոդվածս չկնքեի ծրարի մեջ, ոչ մի տպավորություն չէր լինի։ Հա՜-հա՜։ Ահա թե ինչ է նշանակում խորհրդավորությունը։ Բացե՞մ թե ոչ, պարոնայք,— բղավեց նա, ծիծաղելով իր տարօրինակ ծիծաղով և աչքերը պսպղացնելով։ Գաղտնի՜ք է։ Գաղտնի՜ք։ Իսկ հիշո՞ւմ եք, իշխան, ով, է ազդարարել, թե «այլևս ժամանակ չի լինի»։ Դա ազդարարում է հսկա ու հզոր հրեշտակը հայտնության մեջ։
 
— Լավ է չկարդաք,— բացականչեց հանկարծ Եվգենի Պավլովիչը, բայց այնպիսի անսպասելի անհանգստացած տեսքով, որ շատերին դա տարօրինակ թվաց։
 
— Մի կարդացեք,— բղավեց նաև իշխանը, ձեռքը դնելով ծրարի վրա։
 
— Ի՞նչ ընթերցում, հիմա ընթրիք է։— նկատեց մեկը։
 
— Հոդվա՞ծ։ Ժուռնալի համա՞ր, թե ինչ,— հարցրեց մեկ ուրիշը։
 
— Գուցե ձանձրալի՞ է,— ավելացրեց երրորդը։
 
— Այդ ի՞նչ բան է այդտեղ,— հարցրին և մյուսները։ Բայց իշխանի վախեցած շարժումը կարծես վախեցրեց նաև Իպոլիտին իրեն։
 
— Ուրեմն... չկարդա՞մ,— շշնջաց նա իշխանին մի տեսակ վախվորած, ծամածռված ժպիտը կապտած շրթունքներին,— չկարդա՞մ,— մրթմրթաց նա հայացքը հածելով բոլոր հավաքվածների, բոլոր աչքերի ու դեմքերի վրա և կարծես նորից կառչելով բոլորից առաջվա, բոլորի վրա հարձակվող էքսպանսիվությամբ,— դուք... վախենո՞ւմ եք,— նորից դարձավ նա իշխանին։
 
— Ինչի՞ց,— հարցրեց սա, ավելի ու ավելի այլափոխվելով։
 
— Մեկնումեկը քսան կոպեկանոց ունի՞,— հանկարծ աթոռից վեր թռավ Իպոլիտը, կարծես նրան ձիգ տվին,— որևէ մետաղադրամ։
 
— Ահա,— անմիջապես մեկնեց Լեբեդևը. նրա գլխով մի միտք անցավ, թե հիվանդ Իպոլիտը խելագարվել է։
 
— Վերա Լուկիանովնա,— շտապ հրավիրեց Իպոլիտը,— վերցրեք, գցեք սեղանին. ղո՞ւշ է, թե գիր։ Ղուշ եղավ՝ կարդում եմ։
 
Վերան վախեցած նայեց դրամին, Իպոլիտին, հետո հորը և գլուխը մի տեսակ անհարմար վեր նետելով, կարծես այն համոզմամբ, որ իրեն պետք չէ դրամին նայել, այն նետեց սեղանին։ Ղուշը դուրս եկավ։
 
— Կարդալ,— շշնջաց Իպոլիտը, կարծես ճակատագրի վճռի տակ ճմլված. նա ավելի չէր գունաավի, եթե նրան մահվան դատավճիռ կարդային։— Սակայն,— ցնցվեց նա հանկարծ, մի կես րոպեաչափ լռելով,— սա ի՞նչ է։ Մի՞թե ես հիմա վիճակ կցեցի,— նույն հետապնդող անկեղծությամբ նայեց նա շուրջը բոլորին։— Բայց ախր սա զարմանալի հոգեբանական գիծ է,— գոչեց նա անկեղծորեն զարմացած դիմելով իշխանին...— Սա... սա անըմբռնելի գիծ է, իշխան,— հաստատեց նա աշխուժանալով ու կարծես թե սթափվելով,— սա դուք գրի առեք, իշխան, մտքներդ պահեք, չէ՞ որ դուք, կարծեմ, նյութեր եք հավաքում մահապատժի մասին․․․ ինձ ասել են, հա՜-հա՜։ Օ տեր իմ, ինչպիսի անիմաստ անհեթեթություն։— Նա նստեց բազմոցին, երկու արմունկով հենվեց սեղանին և գլուխը բռնեց։— Ախր սա նույնիսկ ամոթ է... Բայց ի՞նձ ինչ, թե ամոթ է,— գրեթե անմիջապես բարձրացրեց նա գլուխը։— Պարոնայք, պարոնայք, ես բացում եմ ծրարը,— ազդարարեց նա ինչ֊որ անակնկալ վճռականությամբ,— ես... ես, ի դեպ, չեմ հարկադրում լսել...
 
Հուզմունքից գողացող ձեռքերով նա ծրարը բացեց, այնտեղից հանեց մանր գրոտած մի քանի փոստային թղթի թերթիկ, տակը դրեց և սկսեց հարթել։
 
— Սա ի՞նչ է։ Ի՞նչ բան է այստեղ։ Ի՞նչ պիտի կարդան,— մռայլ մրթմրթում էին մի քանիսը, մյուսները լուռ էին։ Բայց բոլորը նստեցին և հետաքրքրությամբ նայում էին։ Գուցե իսկապես սպասում էին ինչ֊որ արտակարգ բանի։ Վերան կպել էր հոր աթոռին և վախից քիչ էր մնում լաց լիներ. գրեթե նույնպիսի վախի մեջ էր և Կոլյան։ Արդեն տեղավորված Լեբեդևը հանկարծ վեր բարձրացավ, ձեռքը գցեց մոմերին ու մոտեցրեց Իպոլիտին, որպեսզի ավելի լույս լինի կարդալու համար։
 
— Պարոնայք, սա... սա հիմա կտեսնեք։ թե ինչ է,— չգիտես ինչու ավելացրեց Իպոլիտը և հանկարծ սկսեց ընթերցումը,— «Անհրաժեշտ բացատրություն»։ Էպիգրաֆ՝ «Après nous le déluge!».. Թո՛ւ, գրողը տանի,— գոչեց նա կարծես այրվածք ստանալով,— մի՞թե լրջորեն ես կարող էի այսպիսի էպիգրաֆ դնել... Լսեցեք, պարոնայք... հավատացնում եմ ձեզ, որ վերջ ի վերջո այս բոլորը, գուցե, անասելի դատարկ բաներ են։ Այստեղ միայն իմ մի քանի մտքերը... եթե կարծում եք, որ այստեղ... ինչ-որ խորհրդավոր կամ... արգելված... մի խոսքով...
 
— Լավ կլիներ առանց նախաբանի կարդայիք,— ընդհատեց Գանյան։
 
— Սկսեց դեսուդեն ընկնել,— ավելացրեց մեկը։
 
— Շատ է խոսում,— հարեց ամբողջ ժամանակ լուռ նստած Ռոգոժինը։
 
Իպոլիտը հանկարծ նայեց նրան, և երբ նրանց աչքերը հանդիպեցին, Ռոգոժինը դառն ու մաղձոտ ժպտաց և դանդաղ արտասանեց տարօրինակ բառեր.
 
— Այդ ձևով չպետք է սարքել այդ գործը, տղա, ո՛չ այդ ձևով...
 
Թե ինչ էր ուզում ասել Ռոգոժինը, իհարկե, ոչ ոք չհասկացավ, բայց նրա խոսքերը բոլորի վրա բավական տարօրինակ տպավորություն գործեցին, բոլորին իր ծայրով շոշափեց մի ինլ֊որ ընդհանուր միտք։ Իսկ Իպոլիտի վրա այդ խոսքերը սարսափելի տպավորություն գործեցին. նա այնպես ցնցվեց, որ իշխանը ձեռքը մեկնեց, որ պահի նրան, և նա հավանաբար կճչար, եթե ըստ երևույթին հանկարծ ձայնը չխզվեր։ Մի ամթողջ րոպե նա չէր կարողանում բառ արտասանել և, ծանր շնչելով նայում էր Ռոգոժինին։ Վերջապեսի շնչահեղձ լինելով և արտակարգ ճիգով արտասանեց.
 
— Ուրեմն այդ դո՞ւք... դո՞ւք էիք... դո՞ւք։
 
— Ի՞նչ էի։ Ես ի՞նչ,— տարակուսանքով պատասխանեց Ռոգոժինը, բայց Իպոլիտը բռնկվելով և գրեթե կատաղությամբ, որ հանկարծակի համակեց նրան, կոպիտ ու ուժգին բղավեց.
 
— ''Դուք'' էիք եկել ինձ մոտ անցյալ շաբաթ, գիշերը, ժամը երկուսին մոտ, այն օրը, երբ ես եկել էի ձեզ մոտ առավոտյան, ''դո՜ւք''։ Խոստովանեցեք, դո՞ւք էիք։
 
— Անցյալ շաբաթ, գիշե՞րը։ Հո իսկապես խելքդ չե՞ս թռցրել, տղա։
 
«Տղան» վերստին մի րոպե լռեց, ցուցամատը ճակատին գնելով և կարծես մտմտալով, բայց նրա դալուկ, վախից առաջվա պես ծամածռված ժպիտի մեջ կարծես հանկարծ ինչ֊որ խորամանկ, նույնիսկ հաղթական բան երևաց։
 
— Այդ դուք էիք,— վերջապես կրկնեց նա, գրեթե շշուկով, բայց արտակարգ համոզվածությամբ,— ''դուք'' էիք գալիս ինձ մոտ և լուռ նստում աթոռին, լուսամուտի մոտ, մի ամբողջ ժամ, ավելի, գիշերվա ժամը մեկին ու երկուսին, դուք հետո վեր կացաք ու գնացիք ժամը երեքի կողմ... Այդ դո՛ւք էիք, դո՜ւք։ Ինչո՞ւ էիք վախեցնում ինձ, ինչո՞ւ էիք գալիս ինձ տանջելու, չեմ հասկանում, բայց այդ դո՜ւք էիք։
 
Եվ նրա դեմքին հանկարծ երևաց անասելի ատելություն, չնայած դեռ չէր դադարել վախից առաջացած նրա դողը։
 
— Դուք հիմա, պարոնայք, այդ բոլորը կիմանաք։ Ես... ես... լսեցեք...
 
նա նորից, և սաստիկ շտապելով, վերցրեց իր թերթիկները, դրանք ցրվել ու բաժան-բաժան էին եղել, նա ջանում էր դասավորել. թերթիկները դողում էին նրա դողդոջուն ձեռքերում. երկար ժամանակ նա չէր կարողանում հարմարվել։
 
Ընթերցումը, վերջապես, սկսվեց։ Սկզբում, մոտ հինգ րոպե, անսպասելի ''հոդվածի'' հեղինակը դեռ շարունակում էր շնչահեղձ լինել և կարդում էր անկապ ու անհարթ, բայց հետո նրա ձայնն ամրացավ և սկսեց լիովին արտահայտել կարդացածի իմաստը։ Միայն երբեմնակի բավական ուժեղ հազն ընդհատում էր նրան, հոդվածի կեսից սկսած նա սաստիկ խռպոտեց. կարդալու ընթացքում նրան ավելի ու ավելի տիրապետող արտակարգ ոգևորությունը, ինչպես նաև ունկնդիրների վրա թողած դրա հիվանդագին տպավորությունը վերջ ի վերջո հասավ ծայրահեղ աստիճանի։ Ահա այդ ամբողջ հոդվածը։
 
«''Իմ անհրաժեշտ բացատրությունը''»
 
«Après nous le déluge!»
 
«Երեկ առավոտ ինձ մոտ էր եկել իշխանը. ի միջի այլոց, նա ինձ համոզեց, որ տեղափոխվեմ իր ամառանոցը։ Ես այդպես էլ գիտեի, որ նա անպայման կպնդի այդ, և համոզված էի հենց ուղղակի բերնից կթռցնի, որ ամառանոցում ինձ համար «ավելի հեշտ կլինի մեռնել մարդկանց ու ծառերի մեջ», ինչպես նա է արտահայտվում։ Բայց այսօր նա չասաց ''մեռնել'', այլ ասաց «ավելի հեշտ կլինի կյանքն անցկացնել», որը, սակայն, ինձ համար գրեթե նույնն է, իմ վիճակում։ Ես նրան հարցրի, թե ի՞նչ նկատի ունի իր անվերջ «ծառերի» տակ, և ինչո՞ւ է այդպես իմ վզին փաթաթում այդ «ծառերը», և զարմանքով իմացա նրանից, որ իբր ես ինքս եմ այն երեկո արտահայտվել, թե եկել եմ Պավլովսկ, վերջին անգամ ծառերին նայելու։ Երբ նրան ասացի, թե չէ՞ որ միևնույն է մարդ ծառերի տակ կմեռնի, թե լուսամուտից իմ աղյուսներին նայելիս, և որ երկու շաբաթվա համար կարիք չկա այդպես փափկանկատ լինել, նա անմիջապես համաձայնեց. Բայց կանաչն ու մաքուր օդը, նրա կարծիքով, անպայման իմ մեջ որևէ ֆիզիկական փուիոխություն կառաջացնեն և իմ հուզմունքը և ''իմ երազները'' կփոխվեն և, կարող է պատահել, կթեթևանան։ Ես նորից ասացի նրան ծիծաղելով, որ նա խոսում է որպես մատերիալիստ։ Նա ինձ պատասխանեց իր ժպիտով, որ ինքը միշտ էլ մատերիալիստ է եղել։ Քանի որ նա երբեք չի ստում, այդ խոսքերը ինչ֊որ բան նշանակում են։ Նրա ժպիտը լավն է. ես հիմա ավելի ուշադիր դիտեցի նրան. ես չգիտեմ, հիմա սիրո՞ւմ եմ, թե չեմ սիրում նրան, հիմա ժամանակ չունեմ դրա հետևից ընկնելու։ Պետք է նշել, որ իմ հինգամսյա ատելությունը դեպի նա, վերջին ամիսն սկսել է բոլորովին հանդարտվել։ Ով գիտի, գուցե ես Պավլովսկ էի գալիս, գլխավորը, նրան տեսնելու համար։ Բայց... ինչո՞ւ էի լքում այն ժամանակ իմ սենյակը։ Մահվան դատապարտվածը չպետք է լքի իր անկյունը. և եթե հիմա վերջնական վճիռ ընդունած չլինեի, այլ ընդհակառակը, որոշած լինեի սպասել մինչև վերջին ժամը, ապա իհարկե, ոչ մի դեպքում, չէի թողնի իմ սենյակը և չէի ընդունի նրա առաջարկը՝ նրա մոտ Պավլովսկ տեղախոխվել «մահանալու»։
 
Ես պետք է շտապեմ անպայման մինչև վաղն ավարտելու այս «բացատրությունը»։ Նշանակում է ես ժամանակ չեմ ունենա վերընթերցելու և ուղղելու. կվերընթերցեմ վաղը, երբ կարդալու կլինեմ իշխանին ու մի երկու վկայի, որոնց մտադիր եմ գտնել նրա մոտ։ Քանի որ այստեղ ոչ մի հատիկ սուտ բառ չի լինի, այլ ամբողջը միայն ճշմարտություն, վերջին և հանդիսավոր, ապա ինձ համար վաղօրոք հետաքրքիր է, թե դա ինչ տպավորություն կթողնի հենց ինձ վրա այն ժամին ու այն րոպեին, երբ վերընթերցելիս կլինեմ։ Ասենք, ես իզուր գրեցի «վերջին և հանդիսավոր ճշմարտությունը» բառերը, երկու շաբաթվա համար առանց այն էլ չարժի ստել, որովհետև երկու շաբաթ ապրել չարժի, դա լավագույն ապացույցն է, որ ես լոկ ճշմարտությունը կգրեմ։ (NB։ Չմոռանամ այս միտքը. արդյոք այս րոպեիս խելագար չե՞մ ես, այսինքն՝ որոշ րոպեներ։ Ինձ հաստատապես ասել են, որ վերջին աստիճանի թոքախտավորները երբեմն առժամանակ խելագարվում են։ Սա ստուգել վաղը ընթերցելիս, ունկնդիրների վրա թողած տպավորությամբ։ Այս հարցն անպայման լուծել լիակատար ստուգությամբ, այլ կերպ չի կարելի ոչ մի բանի ձեռնարկել։
 
Ինձ թվում է, ես հիմա գրեցի սարսափելի հիմարություն. բայց ասացի, որ ուղղելու ժամանակ չունեմ, բացի այդ, ես ինձ խոսք եմ տալիս այս ձեռագրի մեջ դիտմամբ ոչ մի տող չուղղել, եթե ինքս էլ նկատելու լինեմ, որ ամեն հինգ տողը մեկ ինքս ինձ հակասում եմ։ Ես հենց ուզում եմ վաղը ընթերցման ժամանակ որոշել, թե արդյոք ճի՞շտ է իմ մտքի տրամաբանական ընթացքը, արդյոք նկատո՞ւմ եմ իմ սխալները, և նշանակում է, արդյոք ճի՞շտ է այն ամենը, որ ես այս սենյակում մտորել եմ այս վեց ամիսը, թե լոկ զառանցանք է։
 
Եթե դեռ երկու ամիս առաջ ես առիթ ունենայի, ինչպես հիմա, բոլորովին թողնել սենյակս և հրաժեշտ տալ Մեյերի պատին, ապա, համոզված եմ, կտխրեի։ Այնինչ հիմա, ոչինչ չեմ զգում, մինչդեռ վաղը թողնում եմ թե սենյակը, թե պատը, ''առհավե՜տ''։ Նշանակում է իմ համոզմունքը, թե երկու շաբաթվա համար արդեն չարժե ափսոսալ կամ անձնատուր լինել որևէ զգացողությունների, հաղթահարել է իմ բնությունը և արդեն կարող է հրամայել իմ բոլոր զգացմունքներին։ Բայց արդյոք ճի՞շտ է սա։ Արդյոք ճի՞շտ է, որ հիմա իմ բնությունը բոլորովին հաղթված է։ Եթե հիմա ինձ սկսեին խոշտանգել, հավանաբար ես սկսեի բղավել ու չէի ասի, թե չարժի բղավել ու ցավ զգալ, որովհետև ընդամենը երկու շաբաթ է մնացել ապրելու։
 
Բայց արդյոք ճի՞շտ է այն, որ ինձ միայն երկու շաբաթ է մնացել ապրելու, և ոչ թե ավելի։ Այն ժամանակ Պավլովսկում ես ստեցի. Բ֊ն ինձ ոչինչ չէր ասել և երբեք չէր տեսել ինձ. բայց մոտ մի շաբաթ առաջ ինձ մոտ էին բերել ուսանող Կիսլորոդովին, իր համոզմունքներով նա մատերիալիստ է, աթեիստ ու նիհիլիստ, ահա թե ինչու ես հենց նրան կանչեցի. ինձ հարկավոր էր մի մարդ, որ վերջապես ինձ մերկ ճշմարտությունն ասեր, առանց քնքշությունների ու փափկանկատության։ Նա այդպես էլ արավ, և ոչ միայն պատրաստակամությամբ ու առանց փափկանկատության, այլ նույնիսկ ակներև բավականությամբ (որը, իմ կարծիքով արդեն ավելորդ էր)։ Նա ուղղակի երեսիս շրխկացրեց, թե ինձ մնացել է մոտ մի ամիս, կարող է պատահել, մի քիչ ավելի, եթե լավ հանգամանքներ լինեն, բայց, կարող է պատահել, որ նույնիսկ շատ ավելի շուտ մեռնեմ։ Նրա կարծիքով, ես կարող եմ մեռնել նաև հանկարծակի, նույնիսկ, օրինակ, վաղը. այդպիսի փաստեր եղել են, և ընդամենը երեք օր առաջ մի երիտասարդ տիկին, թոքախտավոր և նույն վիճակում, ինչպես իմն է, Կոլոմնայում, պատրաստվում էր շուկա գնալ մթերքներ գնելու, բայց հանկարծ իրեն վատ է զգացել, պառկել է բազմոցին, հոգոց հանել ու մեռել։ Այդ բոլորը Կիսլորոդովն ինձ հայտնեց նույնիսկ անզգայության ու անզգուշության որոշ պճնամոլությամբ, և կարծես թե դրանով ինձ պատիվ էր անում, այսինքն՝ դրանով ցույց էր տալիս, որ ինձ ընդունում է որպես նույնպիսի ամեն ինչ ժխտող բարձրագույն էակ, ինչպիսին նա ինքն է, որի համար, հասկանալի է, մեռնելը ոչինչ չարժե։ Վերջ ի վերջո համենայն դեպս որոշված փաստ է՝ մի ամիս և բոլորովին ոչ ավելի։ Որ նա չի սխալվել դրանում, ես միանգամայն համոզված եմ։
 
Ինձ շատ զարմացրեը, թե իշխանը այն ժամանակ ինչի՞ց հասկացավ այդպես, որ ես «վատ երազներ» եմ տեսնում. նա տառացիորեն ասաց, որ Պավլովսկում «իմ հուզմունքն ու ''երազները''» կփոխվեն։ Եվ այդ ինչո՞ւ երազները։ Նա կամ բժիշկ է, կամ իրոք արտասովոր խելքի տեր և կարողանում է շատ բաներ կռահել։ (Բայց որ նա վերջ ի վերջո «ապուշ» է, դրանում ոչ մի կասկած)։ Հակառակի պես, նրա գնալուց անմիջապես առաջ ես մի լավիկ երազ էի տեսել (ի դեպ, այնպիսիներից, որոնք հիմա ես տեսնում եմ հարյուրներով)։ Ես քնեցի,— կարծում եմ, նրա գալուց մի ժամ առաջ,— և տեսա, որ մի սենյակում եմ (բայց ոչ իմ)։ Սենյակը իմից մեծ ու բարձր էր, ավելի լավ կահավորված, լուսավոր, պահարան, կոմոդ, բազմոց և իմ մահճակալը, մեծ ու լայն, ծածկված կանաչ մետաքսե թափկարած վերմակով։ Բայց այդ սենյակում ես տեսա մի սարսափելի կենդանի, ինչ-որ հրեշ։ Նա նման էր կարիճի, բայց կարիճ չէր, այլ ավելի նողկալի և շատ ավելի սարսափելի, և, կարծես, հենց նրանով, որ բնության մեջ այդպիսի կենդանիներ չկան, և որ դա ''դիտմամբ'' էր հայտնվել ինձ մոտ, և որ իբր թե դրանում ինչ-որ գաղտնիք կար։ Ես նրան շատ լավ կարողացա տեսնել, նա դարչնագույն է և պատենավոր, մոտ չորս վերջոկ երկարությամբ սողուն, գլխի կողմում երկու մատի հաստությամբ, պոչի կողմում աստիճանաբար բարակում է, այնպես որ պոչի բուն ծայրը վերջոկի մեկ տասներորդականից ավելի հաստ չէ։ Գլխից մի վերջոկ ցած, քառասունհինգ աստիճանի անկյան տակ իրանից դուրս են դալիս երկու թաթ, ամեն կողմից մեկական, մոտ երկուական վերջոկ երկարությամբ, այնպես որ ամբողջ կենդանին, եթե վերևից նայելու լինես, պատկերացնում է եռաժանիի նման մի բան։ Գլուխը լավ չկարողացա տեսնել, բայց տեսա երկու բեղիկ, ոչ երկար, երկու ամուր, ասեղի նման, նույնպես դարչնագույն։ Նույնպիսի երկու բեղիկ պոչի ծայրին և երկու թաթերից յուրաքանչյուրի ծայրին, ընդամենը, նշանակում է, ութ բեղիկ։ Կենդանին շատ արագ վազվզում էր սենյակում, հենվելով թաթերին ու պոչին, և երբ վազում էր, ապա թե՛ իրանը, թե՛ թաթերը օձիկների պես գալարվում էին, արտասովոր արագությամբ, չնայած պատյանին, և շատ զզվելի էր դրան նայելը։ Ես շատ էի վախենում, որ նա ինձ կխայթի, ինձ ասել էին, որ դա թունավոր է, բայց ամենից շատ ես տանջվում էի նրանից, թե ո՞վ էր դրան ուղարկել իմ սենյակը, ինձ ի՞նչ են ուզում անել և այստեղ ինչումն է գաղտնիքը։ Կենդանին թաքնվում էր կոմոդի տակ, պահարանի տակ, սողում էր անկյունները։ Ես աթոռին նստեցի ոտներս վեր քաշած և ծալապատիկ։ Նա շեղակի կտրեց անցավ ամբողջ սենյակը և անհայտացավ ուր֊որ իմ աթոռի մոտերքը։ Ես սարսափած շուրջս էի նայում, բայց քանի որ նստած էի ոտներս տակս դրած, հույս ունեի, որ նա սողալով չի բարձրանա աթոռին։ Հանկարծ հետևից համարյա գլխիս մոտ լսեցի ինչ-որ ճարճատող շրշյուն. ես շուռ եկա և տեսա, որ զեռունը սողում է պատով և հավասարվել է գլխիս և նույնիսկ քսվում է մազերիս իր պոչով, որն արտակարգ արագությամբ պտտվում ու գալարվում էր։ Ես վեր թռա, չքացավ և կենդանին։ Ես վախենում էի մահճակալին պառկել, որ նա էլ բարձիս տակ չսողա։ Սենյակ եկան մայրս և նրա ինչ-որ մի ծանոթը։ Նրանք սկսեցին որսալ սողունին, բայց ավելի հանգիստ էին, քան ես, և նույնիսկ չէի վախենում։ Բայց նրանք ոչինչ չէին հասկանում։ Հանկարծ զեռունը նորից դուրս սողաց. նա այս անգամ սողում էր շատ կամացուկ և կարծես թե ինչ-որ հատուկ մտադրությամբ, դանդաղ գալարվելով, որն ավելի նողկալի էր, նորից շեղակի կտրելով սենյակը, դեպի դուռը։ Այստեղ մայրս դուռը բացեց ու կանչեց Նորմային՝ մեր շանը, որ մի հսկա տերնյոֆ է, սև ու փրչոտ, հինգ տարի առաջ սատկել է։ Նա սենյակ նետվեց և քարացած կանգնեց սողունի վերև։ Կանգ առավ և սողունը, բայց դեռ շարունակելով գալարվել և թաթերի ու պոչի ծայրով հատակը մտրակել։ Եթե չեմ սխալվում, կենդանիները չեն կարող միստիկական սարսափ զգալ. բայց այդ րոպեին ինձ թվաց, որ Նորմայի սարսափի մեջ ինչ-որ շատ արտասովոր բան կար, կարծես թե նույնպես գրեթե միստիկական, և որ նա, նշանակում է, նույնպես նախազգում էր, ինչպես ես, որ գազանի մեջ մի ճակատագրական բան կա և ինչ֊որ գաղտնիք։ Նա դանդաղ ետ֊ետ էր քաշվում սողունի առջևից, որը կամացուկ ու դանդաղ սողում էր դեպի Նորման. նա կարծես ուզում էր հանղարծ նետվել նրա վրա ու խայթել։ Բայց, չնայած իր ամբողջ վախին, Նորման նայում էր սաստիկ չարացած, թեև ամբողջ մարմնով դողում էր։ Հանկարծ նա դանդաղ ցցեց իր արսափելի ատամները, բացեց իր ամբողջ հսկայական երախը, հարմարվեց, հնարք գտավ, վճռեց և հանկարծ ատամներով բռնեց սողունին։ Ըստ երևույթին սողունը սաստիկ ցնցվեց, որպեսզի դուրս պրծնի, այնպես որ Նորման մի անգամ էլ բռնեց նրան արդեն օդի մեջ և երկու անգամ ամբողջ երախով ներս քաշեց իր մեջ, շարունակ օդի մեջ, ասես կուլ տալիս լիներ. պատյանը ճրթճրթաց նրա ատամների տակ. կենդանու պոչուկն ու թաթերը, որ դուրս էին եկել Նորմայի երախից, սարսափելի արագությամբ շարժվում էին։ Հանկարծ Նորման խղճալի վնգստաց. սողունը համենայն դեպս հասցրել էր խայթել նրա լեզուն։ Վնգստոցով ու ոռնոցով Նորման ցավից բացեց բերանը, և ես տեսա, որ կրծոտած սողունը դեռ լայնակի շարժվում էր նրա բերանում, իր կիսաճղմված մարմնից նրա լեզվի վրա բաց թողնելով ճզմված սև ուտիճի հյութի նման մեծ քանակությամբ սպիտակ հյութ... Ես այստեղ զարթնեցի, և ներս մտավ իշխանը»։
 
— Պարոնայք,— ասաց Իպոլիտը, հանկարծ ընդհատելով կարդալը և նույնիսկ համարյա ամաչած,— ես չեմ վերընթերցել, բայց կարծես, իրոք շատ ավելորդ բաներ եմ գրել։ Այս երազը...
 
— Ճիշտ որ կան,— շտապեց վրա բերել Գանյան։
 
— Այստեղ չափազանց շատ անձնական բաներ կան, համաձայն եմ, այսինքն, իսկապես ասած, իմ մասին...
 
Այս ասելիս Իպոլիտը հոգնած ու թուլացած տեսք ուներ և թաշկինակով սրբում էր ճակատի քրտինքը։
 
— Այո֊ո, չափից ավելի եք հետաքրքրվում սեփական անձով,— ֆշշացրեց Լեբեդևը։
 
— Ես, պարոնայք, ոչ ոքի չեմ հարկադրում, դարձյալ կրկնում եմ, ով չի ուզում, կարող է հեռանալ։
 
— Վռնդում է... ուրիշի տնից,— հազիվ լսելի փնթփընթաց Ռոգոժինը։
 
— Իսկ եթե հանկարծ բոլորս վեր կենանք ու գնա՞նք,— անակնկալ ասաց Ֆերդիշչենկոն, որն, ի դեպ, մինչև հիմա չէր համարձակվում բարձրաձայն խոսել։
 
Իպոլիտը հանկարծ աչքերը խոնարհեց ու կառչեց ձեռագրից. բայց նույն վայրկյանին նորից գլուխը բարձրացրեց և, աչքերը փայլեցնելով, այտերին երկու բոսորագույն բիծ, շեշտակի նայելով Ֆերդիշչենկոյին, ասաց.
 
— Դուք ինձ բոլորովի՜ն չեք սիրում։
 
Լսվեց ծիծաղ, բայց մեծ մասը չէր ծիծաղում։ Իպոլիտը սաստիկ կարմրեց։
 
— Իպոլիտ,— ասաց իշխանը,— ծածկեք ձեր ձեռագիրը և տվեք ինձ, իսկ ինքներդ պառկեցեք քնելու այստեղ, իմ սենյակում։ Մենք կզրուցենք քնելուց առաջ և վաղը. բայց պայմանով, որ այլևս երբեք բաց չանեք այս թերթերը։ Ուզո՞ւմ եք։
 
— Մի՞թե դա հնարավոր է,— նրան նայեց Իպոլիտը ուղղակի զարմացած։— Պարոնա՛յք,— բղավեց նա, վերստին տենդոտ աշխուժությամբ,— հիմար միջադեպ, որում ես չկարողացա ինձ պահել ինչպես հարկն է։ Այլևս չեմ ընդհատի ընթերցումը։ Ով ուզում է լսել, թող լսի...
 
Նա արագ մի կում ջուր խմեց բաժակից, արմունկները արագ հենեց սեղանին, որպեսզի թաքնվի հայացքներից, և համառորեն շարունակեց ընթերցումը։ Ասենք, ամոթը շուտով անցավ...
 
«Այն միտքը (շարունակեց նա կարդալ), թե չարժե ապրել մի քանի շաբաթ, իսկապես ինձ համակեց, կարծում եմ, մոտ մի ամիս առաջ, երբ դեռ ինձ մնում էր ապրելու չորս շաբաթ, բայց բոլորովին տիրապետեց ինձ ընդամենը երեք օր առաջ, երբ վերադարձա Պավլովսկի այն երեկոյից հետո։ Այդ մտքով լիովին, անմիջականորեն տոգորվելու առաջին պահը տեղի ունեցավ իշխանի պատշգամբում, հենց այն ակնթարթին, երբ մտածեցի կյանքի վերջին փորձն անել, ուզում էի տեսնել մարդկանց ու ծառերը (թող դա ես ինքս ասած լինեմ), տաքանում էի, պնդում Բուրդովսկու, «իմ մերձավորի», իրավունքը, և երազում էի, թե նրանք բոլորը հանկարծ բաց կանեն թևերը և ինձ կընդունեն իրենց գիրկը, և ինչ-որ բանի համար ինձնից ներողություն կխնդրեն, իսկ ես՝ նրանցից. մի խոսքով, ես վերջացրի ապաշնորհ հիմարի պես։ Եվ ահա հենց այն ժամերին էլ իմ մեջ բռնկվեց «վերջին համոզմունքը»։ Հիմա զարմանում եմ, թե ինչպես կարող էի ամբողջ վեց ամիս ապրել առանց այդ «համոզմունքի»։ Ես հաստատ գիտեի, որ թոքախտ ունեմ, և անբուժելի, ես ինձ չէի խաբում և պարզ հասկանում էի բանը։ Բայց որքան ավելի պարզ էի հասկանում, այնքան ավելի տենդագին ուզում էի ապրել. ես կառչում էի կյանքից և ուզում էի ապրել ինչ գնով ուզում է լինի։ Համաձայն եմ, որ այն ժամանակ ես կարող էի չարանալ խավար ու խուլ վիճակի վրա, որը կարգադրել էր ինձ ճանճի պես ճզմել և, իհարկե, չիմանալով, թե ինչու. բայը ինչո՞ւ ես բանը չվերջացրի միայն չարությամբ։ Ինչո՞ւ իսկապես ''սկսում էի'' ապրել, գիտենալով, որ ես արդեն չեմ կարող սկսել, փորձում էի, գիտենալով, որ արդեն փորձելու բան չունեմ։ Այնինչ ես արդեն նույնիսկ գիրք կարդալ չէի կարող և դադարեցի կարդալուց. ի՞նչ կարիք կա կարդալ, ի՞նչ կարիք կա իմանալ վեց ամսվա համար։ Այդ միտքը հաճախ ինձ հարկադրում էր գիրքը մի կողմ նետել։
 
Այո, Մեյերի այդ պատը շա՜տ բան կարող է պատմել։ Շատ բան եմ գրանցել նրա վրա։ Չկար մի բիծ այդ կեղտոտ պատի վրա, որն անգիր չիմանայի։ Անիծյա՜լ պատ։ Բայց և այնպես այդ ինձ համար ավելի թանկ է Պավլովսկի բոլոր ծառերից, այսինքն՝ պետք է որ ամեն ինչից թանկ լիներ, եթե հիմա միևնույն չլիներ ինձ համար։
 
Մտաբերում եմ հիմա, թե այն ժամանակ ինչպիսի ագահ հետաքրքրությամբ սկսեցի հետևել ''նրանց'' կյանքին. այդպիսի հետաքրքրություն առաջ չէր լինում։ Ես անհամբերությամբ, երբեմն նախատինքով սպասում էի Կոլյային, երբ ինքս այնքան հիվանդ էի լինում, որ սենյակից չէի կարողանում դուրս գալ։ Ես այն աստիճան թափանցում էի բոլոր մանրուքների մեջ, հետաքրքրվում բոլոր լուրերով, որ կարծեմ, բամբասող դարձա։ Օրինակ, ես չէի հասկանում, թե ինչպես այդ մարդիկ, այդքան կյանք ունենալով, չեն կարողանում հարուստ դառնալ (ասենք, հիմա էլ չեմ հասկանում)։ Ես ճանաչում էի մի աղքատի, որի մասին ինձ հետո պատմում էին, որ նա քաղցից մեռավ, և, հիշում եմ, դա ինձ հավասարակշռությունից հանեց, եթե կարելի լիներ այդ աղքատին կենդանացնել, կարծում եմ, նրան մահապատժի կենթարկեի։ Երբեմն ամբողջ շաբաթներով վիճակս թեթևանում էր, և ես կարող էի փողոց դուրս գալ, բայց վերջապես փողոցն սկսեց իմ մեջ այնպիսի չարություն առաջացնել, որ ես դիտմամբ ամբողջ օրերով նստում էի փակված, թեև կարող էի դուրս գալ, ինչպես և բոլորը։ Ես տանել չէի կարող այդ վազվզող, աճապարող, շարունակ մտահոգ, մռայլ ու անհանգստացած ժողովուրդը, որն իմ մոտով այս ու այն կողմ էր գնում մայթերով։ Ինչի՞ համար են նրանց մշտական տխրությունը, մշտական տագնապն ու իրարանցումը. նրանց մշտական մռայլ չարությունը (որովհետև նրանք չա՛ր են, չա՛ր, չա՛ր)։ Ո՞վ է մեղավոր, որ նրանք դժբախտ են և ապրել չեն իմանում, իրենց առջևում ունենալով վաթսունական տարի կյանք։ Ինչո՞ւ Զարնիցինը իրեն թույլ ավեց քաղցից մեռնել, իր աոջևում ունենալով վաթսուն տարի։ Եվ ամեն մեկը ցույց է տալիս իր ցնցոտին, իր բանվորական ձեռքերը, չարանում է ու բղավում. «Մենք եզան պես աշխատում ենք, մենք չարչարվում ենք, մենք շան պես քաղցած ենք ու աղքա՜տ։ Ուրիշները ոչ աշխատում են, ոչ չարչարվում, բայց նրանք հարո՜ւստ են»։ (Հավիտենակա՜ն կրկներգ)։ Նրանց հետ կողք֊կողքի առավոտից մինչև գիշեր վազվզում ու իրար է անցնում դժբախտ ճլեզի մեկը «ազնվածիններից», Իվան Ֆոմիչ Սուրիկովը, մեր տանը, մեր վերևն է ապրում, միշտ արմունկները քրքրված, կոճակները պոկոտված, զանազան մարդկանց մոտ մանր գործեր է կատարում որևէ մեկի հանձնարարությամբ, և այն էլ առավոտից մինչև գիշեր։ Խոսքի բռնվեցեք նրա հետ՝ «աղքատ է, չքավոր ու չունևոր, կինը մեռել է, դեղ գնելու փող չի եղել, իսկ ձմեռը սառեցրել են երխային. մեծ աղջիկը պահանույշ է դարձել...» — շարունակ նվնվում է, շարունակ լա՜ց ՛է լինում։ Օ, ոչ մի, ոչ մի խղճահարություն չի եղել մեջս դեպի այդ հիմարները, ոչ հիմա, ոչ առաջ, ես դա հպարտությամբ եմ ասում։ Իսկ ինչո՞ւ նա ինքը Ռոտշիլդ չի։ Ո՞վ է մեղավոր, որ նա Ռոտշիլդի պես միլիոններ չունի, որ նա ոսկե իմպերիալների ու նապոլեոնդորների սար չունի, այնպիսի սար, ճիշտ նույնպիսի բարձր սար, ինչպես լինում է բարեկենդանին բալագաններում։ Եթե նա ապրում է, նշանակում է ամեն ինչ իր ձեռքին է։ Ո՞վ է մեղավոր, որ նա այդ բանը չի հասկանում։
 
Օ, հիմա արդեն ինձ համար միևնույն է, հիմա արդեն ես ժամանակ չունեմ չարանալու, բայց այն ժամանակ, այն ժամանակ, կրկնում եմ, կատաղությունից ես գիշերները տառացիորեն կրծում էի բարձս և պատառոտում վերմակս։ Օ, ինչպե՜ս երազում էի այն ժամանակ, ինչպես ուզում էի, ինչպես դիտմամբ ուզում էի, որ ինձ, տասնութամյա պատանուս՝ հազիվ հագնված, հազիվ մերկությունս ծածկած, հանկարծ փողոց վռնդեին և թողնեին բոլորովին մենակ, առանց բնակարանի, առանց աշխատանքի, առանց մի կտոր հացի, առանց ազգականների, առանց մի հատիկ ծանոթ մարդու՝ վիթխարի քաղաքում, քաղցած, ծեծված (ավելի՜ լավ), բայց առողջ, և այդտեղ ես ցույց կտայի...
 
Ի՞նչ ցույց կտայի։
 
Օ, մի՞թե կարծում եք, որ ես չգիտեմ, թե առանց այդ էլ արդեն ինչպես ստորացրի ինքս ինձ իմ «բացատրությամբ»։ Դե ո՞վ չի համարի ինձ կյանքը չճանաչող մի ճլեզ, մոռանալով, որ ես արդեն տասնութ տարեկան չեմ. մոռանալով, որ ապրել այնպես, ինչպես ես եմ ապրել այս վեց ամիսը, նշանակում է ծերության հասնել։ Բայց թող ծիծաղեն ու ասեն, թե այս բոլորը հեքիաթներ են։ Ես իրոք էլ ինձ հեքիաթներ էի պատմում։ Ես դրանցով լցնում էի իմ ողջ գիշերը։ Ես հիմա դրանք բոլորը հիշում եմ։
 
Բայը մի՞թե հիմա պիտի վերապատմեմ դրանք, հիմա, երբ արդեն ինձ համար էլ անցել է հեքիաթների ժամանակը։ Եվ ո՞ւմ պատմեմ։ Չէ՞ որ դրանցով ես զվարճանում էի այն ժամանակ, երբ պարզ տեսնում էի, որ ինձ արգելվում է ուսումնասիրել նույնիսկ հունական քերականությունը, և հենց այդ ժամանակ մտքովս անցավ «դեռ շարահյուսությանը չհասած՝ կմեռնեմ», մտածեցի ես առաջին էջից և գիրքը նետեցի սեղանի տակ։ Նա հիմա էլ այնտեղ ընկած է։ Ես Մատրյոնային արգելել եմ վերցնել։
 
Թող նա, ում ձեռքը կընկնի «Բացատրությունս», և ով համ թերություն կունենա կարդալու, ինձ համարի խելագար, կամ նույնիսկ գիմնազիստ, իսկ ամենից ճիշտը՝ մահվան դատապարտված, որին սկսել են բնական թվալ, որ բացի իրենից, բոլոր մարդիկ չափազանց քիչ են արժեք տալիս կյանքին, սովորություն են դարձրել չափազանց էժան վատնել այն, չափազանց ծուլորեն, չափազանց անխղճորեն են օգտվում նրանից, և ուրեմն, բոլորը մինչև վերջինը արժանի չեն դրան։ Եվ ի՞նչ։ Ես հայտարարում եմ, որ իմ ընթերցողը կսխալվի և որ իմ համոզմունքը բոլորովին անկախ է իմ մահապարտությունից։ Հարցրեք, հարցրեք նրանց միայն, թե նրանք բոլորը մինչև վերջինը ինչպես են հասկանում, թե ինչո՞ւմն է երջանկությունը։ Օ, համոզված եղեք, որ Կոլումբոսը երջանիկ էր ոչ այն ժամանակ, երբ հայտնագործեց Ամերիկան, այլ երբ հայտնագործում էր այն. համոզված եղեք, որ նրա երջանկության ամենաբարձր պահը, կարող է պատահել, նոր աշխարհը հայանագործելուց երեք օր առաջ էր, երբ խռովություն բարձրացրած անձնակազմը հուսահատության գիրկն ընկած, քիչ էր մնում նավը ետ շրջեր դեպի Եվրոպա։ Բանն այստեղ Նոր Աշխարհը չէ, թեկուզ նա կործանվելու լիներ։ Կոլումբոսը մեռավ, համարյա առանց տեսնելու այն և ըստ էության չիմանալով, թե ինչ է հայտնագործել ինքը։ Բանը կյանքն է, միայն կյանքը, նրա հայտնագործման անընդհատ ու մշտական պրոցեսը և բոլորովին էլ ոչ բուն հայտնագործումը։ Բայց ի՜նչ ասեմ։ Ես կասկածում եմ, որ այն ամենը, ինչ հիմա ասում եմ, այնպես նման է ամենաընդհանուր ֆրազների, որ հավանաբար ինձ կհամարեն «արևի ծագման» մասին իր շարադրությունը ներկայացնող ստորին դասարանի աշակերտ կամ կասեն, որ ես գուցե և ուզում էի ինչ-որ բան ասել, բայց իմ ամբողջ ցանկությամբ հանդերձ չեմ կարողացել... «ծավալվել»։ Սակայն, ավելացնեմ, որ որևէ մեկի գլխում ծագած մարդկային ամեն մի հանճարեղ կամ նոր մտքի մեջ, կամ նույնիսկ ուղղակի ամեն մի լուրջ մարդկային մտքի մեջ, միշտ մնում է մի այնպիսի բան, որը ոչ մի կերպ չի կարելի հաղորդել ուրիշ մարդկանց, թեկուզև գրելու լինեիք ամբողջ հատորներ և ձեր միտքը բացատրեիք երեսունհինգ տարի, միշտ կմնա մի բան, որը ոչ մի գնով չի ուզենա դուրս գալ ձեր գանգի տակից և առհավետ կմնա ձեզ մոտ. դրա հետ էլ կմեռնեք, առանց որևէ մեկին հաղորդելու ձեր մտքում եղածից, գուցե, ամենակարևորը։ Բայց եթե հիմա ես էլ չկարողացա հաղորդել այն ամենը, ինչ ինձ տանջել է այս վեց ամիսը, ապա գոնե կհասկանան, որ հասնելով իմ այժմյան «վերջին համոզմունքին», թերևս ես շատ թանկ եմ վճարել դրա համար, ահա հենց այս էի անհրաժեշտ համարում, ինձ հայտնի նպատակների համար, ի ցույց հանել իմ «բացատրության» մեջ։
 
Սակայն շարունակում եմ»։
=== VI ===
 
«Չեմ ուզում ստել. այս վեց ամսում իրականությունը ինձ էլ իր ճանկն էր գցում և երբեմն այն աստիճան հափշտակում, որ ես մոռանում էի իմ դատավճռի մասին կամ, ավելի ճիշտ, չէի ուզում դրա մասին մտածել և նույնիսկ գործեր էի անում։ Ի դեպ, այն ժամանակվա իմ հանգամանքների մասին, երբ մոտ ութ ամիս առաջ ես արդեն շատ հիվանդ էի, ապա դադարեցրի իմ բոլոր հարաբերությունները և թողեցի իմ բոլոր նախկին ընկերներին։ Քանի որ ես միշտ էլ բավական մռայլ մարդ եմ եղել, ապա ընկերներս հեշտությամբ մոռացան ինձ. իհարկե, նրանք ինձ կմոռանային նաև առանց այդ հանգամանքի։ Տանը, այսինքն՝ «ընտանիքում», ես նույնպես մեկուսացած վիճակում էի։ Մոտ հինգ ամիս աոաջ ես մեկընդմիշտ ներսից փակվեցի և ինձ բոլորովին բաժանեցի ընտանիքի սենյակներից։ Ինձ միշտ հնազանդվում էին, և ոչ ոք չէր համարձակվում մտնել ինձ մոտ, բացի որոշակի ժամից, սենյակը հավաքելու և ինձ ճաշ բերելու։ Մայրս դողում էր իմ հրամանների առաջ և նույնիսկ չէր համարձակվում իմ ներկայությամբ նվնվալ, երբ երբեմն որոշում էի նրան ներս թողնել մոտս։ Իմ պատճառով միշտ ծեծում էր երեխաներին, որպեսզի չաղմկեին և ինձ չանհանգստացնեին. ես շատ հաճախ էի գանգատվում նրանց աղմուկից. հենց այդ է, որ երևի, հիմա սիրո՜ւմ են ինձ։ «Հավատարիմ Կոլյային», ինչպես կոչել եմ նրան, կարծում եմ, նույնպես կարգին տանջել եմ։ Վերջին ժամանակ նա էլ ինձ է տանջել. այդ բոլորը բնական է եղել, մարդիկ հենց ստեղծված են, որ իրար տանջեն։ Բայց ես նկատել եմ, որ նա իմ գրգռվածությունը հանդուրժում է այնպես, կարծես նախօրոք խոսք է տվել խնայել հիվանդին։ Բնական է, դա ինձ գրգռում էր, բայց, կարծես, նրա խելքին փչել է «քրիստոնեական խոնարհությամբ» ընդօրինակել իշխանին, որը արդեն մի քիչ ծիծաղելի էր։ Նա ջահել ու տաքարյուն տղա է և, իհարկե, ամեն ինչ ընդօրինակում է, բայց երբեմն ինձ թվում էր, թե ժամանակն է, որ նա իր խելքով ապրի։ Ես նրան շատ եմ սիրում։ Ես տանջում էի նաև մեր վերևում ապրող և առավոտից մինչև գիշեր ուրիշների հանձնարարությամբ դեսուդեն վազվզող Սուրիկովին. ես շարունակ ապացուցում էի նրան, որ նա ինքն է մեղավոր իր աղքատության համար, այնպես որ նա վերջապես վախեցավ և դադարեց ինձ մոտ գալուց։ Նա շատ հեզ մարդ է, հեզագույն արարած (NB։ Ասում են, խոնարհությունը անասելի ուժ է, այդ մասին պետք է իմանալ իշխանից, դա նրա սեփական արտահայտությունն է), բայց երբ ես, մարտ ամսին, վերև բարձրացա նրա մոտ, որպեսզի, նրա խոսքերով ասած, տեսնեի, թե ինչպես են «սառեցրել» երեխային, և անզգուշաբար քմծիծաղ տվի նրա մանկան դիակի վրա, որովհետև նորից սկսեցի բացատրել Սուրիկովին, որ նա «ինքն է մեղավոր», ապա հանկարծ այդ ճլեզի շրթունքներն սկսեցին դողալ, և նա, մի ձեռքով ուսիցս բռնած, մյուսով ինձ ցույց տվեց դուռը և կամացուկ, այսինքն՝ համարյա շշուկով, ասաց. «Դուրս գնացեք»։ Ես դուրս գնացի, և դա ինձ շատ դուր եկավ, դուր եկավ հենց այն ժամանակ, նույնիսկ հենց այն րոպեին, երբ ինձ դուրս էր անում, բայց հետո, վերհիշելիս, շատ երկար ժամանակ նրա խոսքերը ինձ վրա ինչ-որ տարօրինակ, դեպի նա արհամարհական խղճահարության ծանր տպավորություն էին գործում, որը ես բնավ չէի ցանկանա զգալ։ Նույնիսկ այդպիսի վիրավորանքի րոպեին (չէ՞ որ ես զգում եմ, որ նրան վիրավորեցի, թեև այդպիսի մտադրություն չունեի), նույնիսկ մի այդպիսի՜ րոպեի այդ մարդը չէր կարողանում զայրանալ։ Այն ժամանակ նրա շրթունքները դողդողացին ամենևին էլ ոչ զայրույթից, երդվում եմ. նա ձեռքիցս բռնեց և իր հոյակապ «դո՛ւրս գնացեք»-ը արտասանեց բոլորովին առանց բարկության։ Արժանապատվություն կար, նույնիսկ շատ, նույնիսկ նրան բոլորովին ոչ սազական (այնպես որ, ճիշտն ասած, այդտեղ նաև կոմիկական շատ բան կար), բայց չարություն չկար։ Կարող է պատահել, որ նա ուղղակի հանկարծ սկսեց արհամարհել ինձ։ Այն ժամանակից ի վեր, երկու-երեք անգամ, երբ նրան հանդիպում էի սանդուղքի վրա, նա հանկարծ սկսեց իմ առաջ գլխարկը հանել, մի բան, որ առաջ երբեք չէր անում, բայց արդեն կանգ չէր առնում առաջվա պես, այլ շփոթված արագ, անցնում էր կողքովս։ Եթե անգամ նա ինձ արհամարհում էր, ապա այնուամենայնիվ՝ յուրովի. նա «''խոնարհաբար'' էր արհամարհում»։ Բայց կարող է պատահել, նա գլխարկը հանում էր ուղղակի վախից, որպես իր վարկատուի որդու, որովհետև նա շարունակ պարտք է մորս և ոչ մի կերպ չի կարողանում պարտքերի տակից դուրս գալ։ Եվ նույնիսկ ամենից հավանականն այդ է։ Ես ուզում էի նրա հետ բացատրվել, և հաստատ գիտեմ, որ նա տասը րոպեից հետո կսկսեր ինձնից ներողություն խնդրել, բայց մտածեցի, որ ավելի լավ է հանգիստ թողնել նրան։
 
Հենց այդ ժամանակ, այսինքն՝ մոտավորապես այն ժամանակ, երբ Սուրիկովը «սառեցրել էր» երեխային, մոտավորապես մարտի կեսերին, չգիտես ինչու ես հանկարծ սկսեցի շատ ավելի լավ զգալ ինձ, և այդպես շարունակվում էր մի երկու շաբաթ։ Ես սկսեցի դուրս գալ մեծ մասամբ մթնշաղի կողմ։ Ես սիրում էի մարտյան մթնշաղները, երբ սկսում էր սառսռոցը և երբ վառում էին գազը, գնում էի երբեմն հեռու։ Մի անգամ, Շեստիլավոչնայայում խավարի մեջ հետևիցս հասավ ու անցավ «ազնվածիններից» ինչ֊որ մեկը, նրան կարգին չտեսա, նա թղթով փաթաթած մի բան էր տանում, և հագին մի նեղլիկ, այլանդակ, եղանակին անհամապատասխան բարակ վերարկու էր։ Երբ նա հավասարվեց լապտերին, ինձնից տասը քայլ առաջ, նկատեցի, որ նրա գրպանից մի բան ընկավ։ Ես շտապեցի վերցնել, և ժամանակն էր, որովհետև, երկար կաֆտանավոր մեկը արդեն մոտ թռավ, բայց իրը տեսնելով ձեռքիս, վեճ չսկսեց, թռուցիկ նայեց ձեռքերիս ու սահեց անցավ։ Այդ իրը մեծ, սեկե, հնաձև ու լիքը լցրած դրամապանակ էր, բայց չգիտես ինչու ես առաջին իսկ հայացքից հասկացա, որ նրանում ինչ ասես կա, միայն թե ոչ փող։ Կորցնող անցորդը արդեն քայլում էր ինձնից քառասուն քայլ այն կողմ և շուտով ամբոխի մեջ կորավ աչքիցս։ Ես վազեցի ու սկսեցի ձայն տալ նրան, բայց քանի որ բացի «է՜յ»-ից ես ոչինչ չէի կարող բղավել, ուստի նա չշրջվեց։ Հանկարծ նա արագ մտավ ձախ՝ մի տան դարպասը։ Երբ ներս վազեցի դարպասից, որի տակ շատ մութ էր, արդեն ոչ ոք չկար։ Տունը հսկայական մեծության էր, մեկն այն վիթխարի շինվածքներից, որոնք կառուցում են աֆերիստները մանր բնակարանների համար. երբեմն այդպիսի տներում մինչև հարյուր համար է լինում։ Երբ վազելով անցա դարպասը, ինձ թվաց, թե հսկայական բակի հետնակողմի աջ անկյունում կարծես մարդ է քայլում, թեև խավարի մեջ հազիվ կարող էի նշմարել։ Վազ տալով մինչև անկյունը, ես տեսա դեպի սանդուղք տանող մի մուտք, սանդուղքը նեղ էր, չափազանց կեղտոտ և բոլորովին չլուսավորված, բայց լսվում էր, որ բարձրում աստիճաններով դեռ վազում է մի մարդ, և ես նետվեցի դեպի սանդուղքը, հույս ունենալով, որ մինչև որևէ տեղ նրա առաջ դուռը բացեն, ես կհասնեմ նրան։ Այդպես էլ եղավ։ Սանդուղքները շատ կարճ էին, նրանց թիվն անվերջ էր, այնպես որ ես սարսափելի շնչակտուր եղա. դուռը բացին և նորից փակեցին հինգերորդ հարկում, ես դա կռահեցի ցածից դեռևս երեք սանդուղք չբարձրացած։ Մինչև վազեցի վեր, մինչև շունչս տեղն եկավ, մինչև որոնում էի զանգը, անցավ մի քանի րոպե։ Իմ առաջ դուռը վերջապես բացեց մի կին, որը շատ պստլիկ խոհանոցում ինքնաեռ էր փչում, նա լուռ լսեց իմ հարցերը, իհարկե, ոչինչ չհասկացավ և լուռ իմ առաջ բաց արեց դուռը դեպի հաջորդ սենյակը, որը նույնպես փոքրիկ էր, սարսափելի ցածլիկ, անհրաժեշտ վատ կահ-կարասիով և վարագույրի հետև լայն հսկայական անկողնով, որի վրա պառկել էր, ինձ թվաց թե հարբած «Տերենտիչը» (այդպես կանչեց կինը)։ Սեղանի վրա այրվում վերջանում էր թիթեղե գիշերաճրագի մոմը և համարյա դատարկված մի կիսաշտոֆ էր դրած։ Տերենտիչը պառկած տեղից մի բան բառաչեց և ձեռքը թափ տվեց դեպի հաջորդ դուռը, իսկ կինը գնաց, այնպես որ ինձ ոչինչ չէր մնում, քան բացել այդ դուռը։ Ես այդպես էլ արի և մտա հաջորդ սենյակը։
 
Այդ սենյակը նախորդից ավելի փոքր ու նեղվածք էր, այնպես որ նույնիսկ չգիտեի, ինչպես շարժվեմ. անկյունում դրած նեղ, միտեղանի մահճակալը խիստ շատ տեղ էր գրավում. մնացած կահ-կարասին՝ ընդամենը երեք հասարակ աթոռ էր, ամեն տեսակ չուլ ու փալասով ծանրաբեռնված, և ամենահասարակ խոհանոցային փայտե սեղան, մոմլաթապատ հին բազմոցի առաջ, այնպես որ սեղանի ու մահճակալի արանքով արդեն համարյա չէր կարելի անցնել։ Սեղանի վրա վառվում էր մի նույնպիսի թիթեղե գիշերաճրագ ճարպամոմով, ինչպես և առաջին սենյակում, իսկ մահճակալի վրա ճղճղում էր մի շատ փոքրիկ, ձայնից դատելով, գուցե ընդամենը երեք շաբաթական երեխա, նրա «տակը փոխում» էր, այսինքն՝ վերաբարուրում էր մի հիվանդ ու գունատ կին, կարծես ջահել, խիստ անփույթ հագնված, և գուցե, ծննդաբերությունից հետո հենց նոր վեր կացած, բայց երեխան ձայնը չէր կտրում և ճչում էր սպասելով մոր նիհար կրծքին։ Բազմոցի վրա քնել էր մի ուրիշ երեխա, երեք տարեկան մի աղջիկ, որ ծածկված էր, կարծես, ֆրակով։ Սեղանի մոտ կանգնել էր շատ քրքրված սերթուկով մի պարոն (նա արդեն հանել էր վերարկուն, որը դրված էր մահճակալին) և բաց էր անում կապույտ թուղթը, որի մեջ փաթաթած էր մի երկու ֆունտ ցորենի հաց և երկու փոքրիկ երշիկ։ Սեղանին, բացի դրանից, թեյամանով թեյ կար և թափթփված էին սև հացի կտորտանք։ Մահճակալի տակից դուրս էր ցցվել մի չկողպած ճամպրուկ և երևում էին հնոտիների երկու կապոց։
 
Մի խոսքով, սարսափելի անկարգություն էր։ Ինձ առաջին հայացքից թվաց, որ նրանք երկուսն էլ, թե պարոնը, թե տիկինը, կանոնավոր մարդիկ են, բայց աղքատությունից հասած այդ ստորացուցիչ վիճակին, որում անկարգությունը վերջապես հաղթահարում է նրա դեմ պայքարելու ամեն մի փորձ և նույնիսկ մարդկանց հասցնում է դառն պահանջի՝ ամեն օր աճող բուն այդ անկարգության մեջ գտնել ինչ֊որ դառն և կարծես վրիժառու բավականության զգացմունք։
 
Երբ ես մտա, ինձնից առաջ նույնպես հենց նոր ներս եկած ու իր պաշարների փաթեթը բաց արած այդ պարոնը տաք-տաք ու արագ խոսակցում էր կնոջ հետ մի բանի մասին. կինը թեև դեռ չէր վերջացրել բարուրելը, բայց արդեն սկսել էր նվնվալ. ըստ երևույթին, տեղեկությունները սովորականի պես վատ էին։ Մոտ քսանութ տարեկան տեսքով այդ պարոնի թուխ ու չոր֊չոր, սև այտամորուքով շրջանակված, մաքուր ածիլված կզակով դեմքը ինձ բավական վայելուչ և նույնիսկ հաճելի թվաց, այդ դեմքը մռայլ էր, մռայլ հայացքով, բայց չափազանց հեշտ գրգռվող հպարտության ինչ֊որ հիվանդագին երանգով։ Երբ ես մտա, տարօրինակ տեսարան տեղի ունեցավ։
 
Կան մարդիկ, որոնք իրենց գրգռված վիրավորկանության մեջ արտակարգ հաճույք են զգում, և հատկապես այն ժայմանակ, երբ այդ վիրավորկանությունը նրանց մեջ հասնում է (որ միշտ պատահում է շատ արագ) մինչև վերջին սահմանը. թվում է, այդ վայրկյանին նրանց համար նույնիսկ ավելի հաճելի է լինել վիրավորված, քան չվիրավորված։ Այդ գրգռվողները հետո միշտ սաստիկ տանջվում են զղջումից, իհարկե, եթե նրանք խելացի են և ի վիճակի են հասկանալու, որ տասն անգամ ավելի են տաքացել, քան պետք էր։ Այդ պարոնը միառժամանակ նայում էր ինձ զարմացած, իսկ կինը վախեցած, կարծես թե չտեսնված տարօրինակ բան էր, որ նրանց մոտ էլ կարող էր որևէ մեկը գալ, բայց հանկարծ նա ինձ վրա հարձակվեց համարյա կատաղած, ես դեռ չէի հասցրել մի երկու բառ փնթփնթալ, իսկ նա, մանավանդ տեսնելով, որ կարգին եմ հագնված, ըստ երևույթին իրեն խիստ վիրավորված համարեց նրանով, որ ես համարձակվել էի այդպես կոպտաբար մտնել նրա անկյունը և տեսնել ողջ այլանդակ վիճակը, որից նա ինքն ամաչում էր։ Իհարկե, նա ուրախացավ առիթից, որ կարող է գոնե մեկի վրա թափել իր բոլոր ձախորդությունների զայրույթը։ Մի րոպե ես նույնիսկ կարծում էի, կնետվի հետս կռվելու, նա գունատվեց ինչպես կանացի հիստերիկայի մեջ ընկած և սաստիկ վախեցրեց կնոջը։
 
— Ինչպե՞ս համարձակվեցիք այդպես ներս մտնել։ Դո՛ւրս,— բղավում էր նա դողալով և նույնիսկ հազիվ արտասանելով բառերը։ Բայց հանկարծ նա իմ ձեռքում տեսավ իր դրամապանակը։
 
— Կարծեմ, դուք գցեցիք,— ասացի ես որքան կարելի է հանգիստ ու չոր։ (Ասենք, հենց այդպես էլ պետք էր)։
 
Նա իմ առաջ կանգնել էր բոլորովին վախեցած և մի որոշ ժամանակ կարծես ոչինչ չէր կարողանում հասկանալ, հետո արագ բռնեց գրպանը, սարսափից բերանը բացեց և ձեռքով խփեց ճակատին։
 
Ես շատ կարճառոտ և ըստ հնարավորին չոր բացատրեցի նրան, թե ինչպես բարձրացրի դրամապանակը, ինչպես էի վազում ու կանչում նրան և ինչպես, ի վերջո, ենթադրաբարև գրեթե խարխափելով, նրա հետևից վազեցի սանդուղքն ի վեր։
 
— Օ, աստվա՜ծ,— գոչեց նա, դառնալով կնոջը,— այստեղ են մեր բոլոր փաստաթղթերը, այստեղ են իմ վերջին, գործիքները, այստեղ է ամեն ինչ... Օ, ողորմած պարոն, գիտե՞ք արդյոք, թե ինչ եք արել ինձ համար։ Ես կկորչեի։
 
Այդ միջոցին ես բռնել էի դռան բռնակը, որպեսզի առանց պատասխանելու գնայի, բայց ես ինքս շնչահեղձ էի լինում և հանկարծ իմ հուզմունքը արտահայտվեց այնպիսի ուժգին հազի նոպայով, որ հազիվ էի կարողանում ոտքի վրա կանգնել։ Ես տեսնում էի, թե ինչպես պարոնը նետվում էր ամեն կողմ, որպեսզի ինձ համար ազատ աթոռ գտնի, ինչպես նա, վերջապես մի աթոռի վրայից վերցրեց ցնցոտիները, նետեց հատակին և, շտապելով, ինձ հրամցրեց աթոռը, զգուշությամբ նստեցնելով ինձ։ Բայց իմ հազը շարունակվում էր և չէր դադարում դեռևս մոտ երեք րոպե։ Երբ ես ուշքի եկա, նա արդեն նստած էր իմ կողքին մյուս աթոռի վրա, որի վրայից նույնպես, հավանաբար, ցնցոտիները թափել էր հատակին, և ուշադիր նայում էր ինձ։
 
— Դուք կարծես... տառապո՞ւմ եք,— ասաց նա այն եղանակով, որով սովորաբար խոսում են բժիշկները, հիվանդին դիմելով։— Ես ինքս... մեդիկ եմ (նա չասաց՝ բժիշկ),— և, այդ ասելով, չգիտես ինչու նա ձեռքով ինձ ցույց տվեց սենյակը, ասես բողոքելով իր այժմյան վիճակի դեմ,— ես տեսնում եմ, որ դուք...
 
— Ես թոքախտ ունեմ,— ասացի ես որքան կաբելի է կարճ և վեր կացա։
 
Անմիջապես նա էլ վեր թռավ։
 
— Գուցե դուք չափազանցնում եք և... միջոցների դիմելով...
 
Նա բոլորովին շշկլվել էր և կարծես դեռ չէր կարող ուշքի գալ, դրամապանակը ցցված էր նրա ձախ ձեռքին։
 
— Օ, մի անհանգստացեք,— նորից նրա խոսքը կտրեցի ես, բռնելով դռան բռնակը,— անցյալ շաբաթ ինձ քննել է Բ-նը (ես նորից մեջ խցկեցի Բ-նին), և իմ հարցը լուծված է։ Ներեցեք...
 
Ես նորից ուզում էի դուռը բացել և լքել իմ շփոթված, շնորհակալ և ամոթից ճզմված բժշկին, բայց անիծյալ հազը հենց այդ ժամանակ նորից բռնեց ինձ։ Այստեղ իմ բժիշկը պնդեց, որ նորից նստեմ ու հանգստանամ. նա դիմեց կնոջը, և կինը, առանց իր տեղը թողնելու, ինձ մի քանի շնորհակալական ու սիրալիր խոսք ասաց։ Ընդսմին նա շատ շփոթվեց, այնպես որ նույնիսկ կարմրություն խաղաց նրա դեղնադալուկ, չոր այտերին։ Ես մնացի, բայց այնպիսի տեսքով, որն ամեն վայրկյան ցույց էր տայիս, որ ես շատ եմ վախենում նրանց նեղություն պատճառելուց (այդպես էլ պետք էր)։ Իմ բժշկի զղջումը վերջապես տանջահար արեց նրան, ես այդ տեսնում էի։
 
— Եթե ես...— սկսեց նա, րոպեն մեկ խոսքը կտրելով ու խոսքից խոսք թռչելով,— ես այնպես շնորհակալ եմ ձեզ և այնպես մեղավոր եմ ձեր առաջ... ես... դուք տեսնում եք...— նա դարձյալ ցույց տվեց սենյակը,— այս րոպեիս ես գտնվում եմ այնպիսի վիճակում...
 
— Օ,— ասացի ես,— տեսնելու բան չկա, հայտնի բան է, ըստ երևույթին դուք կորցրել եք ձեր աշխատանքը և եկել եք բացատրվելու և նորից տե՞ղ փնտրելու։
 
— Ինչի՞ց... իմացաք,— հարցրեց նա զարմացած։
 
— Առաջին հայացքից երևում է,— պատասխանեցի ես ակամա ծաղրանքով։— Այստեղ շատ են գալիս գավառից, հույսերով, վազվզում և ահա այսպես ապրում։
 
Նա հանկարծ սկսեց խոսել տաք֊տաք, դողդողացող շրթունքներով, նա սկսեց գանգատվել, սկսեց պատմել և, խոստովանում եմ, հետաքրքրեց ինձ. ես նրա մոտ նստեցի համարյա մի ժամ։ Նա ինձ պատմեց իր պատմությունը, որը շատ սովորական էր։ Նա բժիշկ է եղել նահանգում, պետական պաշտոն է ունեցել, բայց այստեղ ինչ֊որ ինտրիգներ են սկսվել, որին խառնել են նույնիսկ նրա կնոջը։ Նա հպարտսւթյուն է բանեցրել, տաքացել է, տեղի է ունեցել նահանգական պետերի փոփոխություն հօգուտ նրա թշնամիների, նրա տակ փորել են, գանգատվել, նա տեղը կորցրել է և վերջին միջոցներով Պետերբուրգ եկել բացատրության, Պետերբուրգում, հայտնի բան է, նրան երկար ժամանակ չէին լսում, հետո լսեցին, հետո պատասխանում էին մերժմամբ, հետո հրապուրեցին խոստումներով, հետո պատասխանում էին խստությամբ, հետո նրան պատվիրեցին ինչ֊որ բան գրել ի բացատրություն, հետո հրաժարվեցին նրա գրածն ընդունել, պատվիրեցին խնդրագիր տալ, մի խոսքով նա վազվզում էր արգեն հինգերորդ ամիսը, ամեն ինչ կերել էր, կնոջ վերջին փալասները գրավ էին դրված, իսկ այստեղ երեխան ծնվեց և... և... «այսօր եզրափակիչ մերժում եմ ստացել տված խնդրագրիս, իսկ ես համարյա հաց չունեմ, ոչինչ չունեմ, կինս երեխա է բերել։ Ես... ես...»։
 
Նա աթոռից վեր թռավ ու երեսը շրջեց։ Նրա կինը լաց էր լինում անկյունում, երեխան նորից սկսեց լաց լինել։ Ես հանեցի ծոցատետրս և սկսեցի գրել։ Երբ վերջացրի ու վեր կացա, նա կանգնել էր իմ առաջ և նայում էր երկչոտ հետաքրքրությամբ։
 
— Ես գրեցի ձեր անունը,— ասացի նրան,— և մնացած ամեն ինչ. պաշտոնավայրը, ձեր նահանգապետի անունը, ամսաթվերը, ամիսները։ Ես մի ընկեր ունեմ, դեռ դպրոցից, Բախմուտով, իսկ նրա հորեղբայրը, Պյոտր Մատվեևիչ Բախմուտովը, իսկական պետական խորհրդական է և պաշտոնավարում է որպես դիրեկտոր...
 
— Պյոտր Մատվեյիչ Բախմո՜ւտովը,— բացականչեց իմ բժիշկը, համարյա ցնցվելով,— բայց ախր հենց նրանից է կախված համարյա ամե՜ն ինչ։
 
Իսկապես, իմ բժշկի պատմությունը, դրա լուծումը, որին ես անսպասելիորեն նպաստեցի, կատարելապես հաջողվեց ու կարգավորվեց, կարծես դիտմամբ դրա համար պատրաստված էր ամեն ինչ, ճիշտ և ճիշտ ինչպես վեպում։ Ես այդ խեղճ մարդկանց ասացի, որ նրանք աշխատեն ոչ մի հույս չկապել ինձ հետ, որ ես ինքս մի խեղճ գիմնազիստ եմ (ես դիտմամբ չափազանցրի ստորացումս. ես վաղուց եմ ավարտել դասընթացը և գիմնազիստ չեմ) և որ կարիք չկա, որ նրանք անունս իմանան, բայց որ ես հենց հիմա կգնամ Վասիլևյան կղզին իմ ընկեր Բախմուտովի մոտ, և քանի որ ես հաստատ գիտեմ, որ նրա հորեղբայրը, իսկական պետական խորհրդականը, ամուրի ու անզավակ, ուղղակի պաշտում է իր եղբորորդուն և անսահման սիրում, հանձին նրա տեսնելով իր ընտանիքի վերջին շառավիղը, ապա, «կարող է պատահել, իմ ընկերը կարողանա որևէ բան անել ձեզ համար և ինձ համար, իհարկե, իր հորեղբոր մոտ...»։
 
— Ինձ միայն թո՜ւյլ տային բացատրվելու նորին գերազանցության հետ։ Միայն կարենայի պատիվ ստանալ խոսքերով բացատրելու,— բացականչեց նա, դողալով ինչպես տենդահար և փայլատակող աչքերով։ Նա այդպես էլ ասաց. ''կարենայի''։ Մի անգամ էլ կրկնելով, որ հավանաբար գործր կտապալվի և ամեն ինչ դատարկ բան դուրս կգա, ես ավելացրի, որ եթե վաղն առավոտյան նրանց մոտ չգամ, ապա, նշանակում է, բանը պրծել է, և նրանք սպասելիք չունեն։ Նրանք ինձ ճամփա դրին խոնարհումներով, նրանք համարյա խելքները թռցրել էին։ Երբեք չեմ մոռանա նրանց դեմքերի արտահայտությունը։ Ես կառք վերցրի և անմիջապես գնացի Վասիլևյան կղզին։
 
Այդ Բախմուտովի հետ գիմնազիայում մի քանի տարի շարունակ մշտական թշնամության մեջ էի։ Մեզ մոտ նա համարվում էր արիստոկրատ, համենայն դեպս ես այդպես էի անվանում նրան. հրաշալի հագնվում էր, գիմնազիա էր գալիս սեփական կառքով, բոլորովին ֆանֆարոնություն չէր անում, միշտ սքանչելի ընկեր էր, միշտ արտասովոր ուրախ էր և երբեմն նույնիսկ շատ սրամիտ, թեև բոլորովին մեծ խելքի տեր չէր, չնայած նրան, որ դասարանում միշտ առաջինն էր, իսկ ես երբեք ոչ մի բանում առաջինը չեմ եղել։ Բոլոր ընկերները սիրում էին նրան, բացի միակ ինձնից։ Այդ մի քանի տարվա ընթացքում նա մի քանի անգամ մոտեցել էր ինձ, բայը ես ամեն անգամ մռայլ ու գրգռված երես եմ դարձրել նրանից։ Այժմ արդեն ես նրան չէի տեսել մոտ մեկ տարի. նա համալսարանում էր։ Երբ մոտավորապես ժամը իննին ես մտա նրա մոտ (մեծ ձևականություններով. իմ մասին զեկուցեցին), նա ինձ դիմավորեց սկզբում զարմացած, նույնիսկ բոլորովին ոչ սիրալիր, բայց իսկույն զվարթացավ և, ինձ վրա նայելով, հանկարծ հռհռաց։
 
— Այդ ի՞նչ է անցել ձեր մտքով ինձ մոտ գալ, Տերենտև,— բղավեց նա իր մշտական հաճելի սանձարձակությամբ, երբեմն հանդուգն, բայց երբեք վիրավորական, որը ես այնքան սիրում էի նրա մեջ և որի համար այնպես ատում էի նրան։— Բայց այս ինչ է,— բացականչեց նա վախեցած,— դուք այնպես հիվա՜նդ եք։
 
Հազը ինձ նորից սկսեց տանջել, ես ընկա աթոռին և հազիվ էի կարողանում շունչս ետ բերել։
 
— Մի անհանգստացեք, ես թոքախտ ունեմ,— ասացի ես,— ձեզ մոտ խնդրանքով եմ եկել։
 
Նա զարմացած նստեց, և ես անմիջապես շարադրեցի բժշկի ամբողջ պատմությունը և բացատրեցի, որ նա ինքը, արտակարգ ազդեցություն ունենալով հորեղբոր վրա, գուցե կարող էր որևէ բան անել։
 
— Կանեմ, անպայման կանեմ և հենց վաղը կհարձակվեմ հորեղբորս վրա. և ես նույնիսկ ուրախ եմ, և այդ ամենը դուք այնպես լավ պատմեցիք... Բայց և այնպես, Տերենտև, ինչպե՞ս ձեր մտքով անցավ ինձ դիմել։
 
— Ձեր հորեղբորից այստեղ այնքան բան է կախված, և ընդսմին մենք, Բախմուտով, միշտ թշնամիներ ենք եղել, իսկ քանի որ դուք ազնվաբարո մարդ եք, ապա մտածեցի, որ թշնամուն չեք մերժի,— ավելացրի ես իրոնիայով։
 
— Ինչպես Նապոլեոնը դիմեց Անգլիայի՜ն,— գոչեց նա հռհռալով։— Կանեմ, կա նե՜մ։ Նույնիսկ հիմա կգնամ, եթե կարելի է,— ավելացրեց նա արագ, տեսնելով, որ ես լուրջ ու խիստ վեր եմ կենում աթոռից։
 
Եվ իրոք, այդ գործը ամենաանսպասելի ձևով կարգավորվեց այնպես, որ ավելի լավ պետք չէր։ Մեկ և կես ամսից հետո մեր բժիշկը նորից տեղ ստացավ մի ուրիշ նահանգում, ստացավ ճանապարհածախս, նույնիսկ օժանդակություն։ Ես կարծում եմ, որ Բախմուտովը, որը սաստիկ սովորություն էր դարձրել նրանց մոտ գնալը (մինչդեռ ես դրա պատճառով դիտմամբ դադարեցի նրանց տուն գնալուց և ինձ մոտ վազ տվող բժշկին ընդունում էի համարյա չոր), Բախմուտովը, ինչպես կասկածում եմ, բժշկին համոզել էր նույնիսկ պարտք ընդունել իրենից։ Այդ վեց շաբաթվա ընթացքում Բախմուտովի հետ տեսնվել եմ մի երկու անգամ. մենք երրորդ անգամ հանդիպեցինք, երբ ճանապարհ էինք դնում բժշկին։ Ողջերթը սարքել էր Բախմուտովը հենց իր տանը շամպայն ու ճաշ տալով, որին ներկա էր նաև բժշկի կինը, ասենք նա շատ շուտով գնաց երեխայի մոտ։ Դա մայիսի սկզբին էր, պայծառ երեկո էր, արևի հսկա գունդը իջնում էր ծովածոց։ Բախմուտովն ինձ ուղեկցում էր տուն. մենք գնացինք Նիկոլաևյան կամուրջով. երկուսս էլ մի քիչ խմած էինք։ Բախմուտովը խոսում էր իր հիացմունքի մասին, որ այդ գործը այդպես լավ վերջացավ, ինչ֊որ բանի համար ինձ շնորհակալություն էր հայտնում, բացատրում էր, թե որքան լավ է զգում հիմա իրեն, բարի գործից հետո, հավատացնում որ ամբողջ ծառայությունն իմն է, որ իզուր են հիմա շատերը սովորեցնում ու քարոզում, թե եզակի բարի գործը ոչ մի նշանակություն չունի։ Ես էլ խոսելու մեծ ցանկություն ունեցա։
 
— Ով ոտնձգություն է անում եզակի «ողորմության» դեմ,— սկսեցի ես,— նա ոտնձգություն է անում մարդու բնության դեմ և արհամարհում է նրա անհատական արժանիքը։ Բայց «հասարակական ողորմության» կազմակերպումը և անձնական ազատության հարցը երկու տարբեր և փոխադարձաբար իրար չբացառող հարցեր են։ Եզակի բարեգործությունը միշտ կմնա, որովհետև դա անհատի պահանջ է, մի անհատի ուղղակի ազդեցության կենդանի պահանջը մի այլ անհատի վրա։ Մոսկվայում ապրում էր մի ծերունի, մի «գեներալ», այսինքն՝ իսկական պետական խորհրդական, գերմանացու անունով. նա ամբողջ կյանքում քարշ էր գալիս թիարաններում ու հանցագործների մոտ. հանցագործների Սիբիր ուղարկվող յուրաքանչյուր խումբ վաղօրոք գիտեր, որ Վորոբյովյան սարերում իրեն այցելության կգա «ծերուկ գեներալը»։ Նա իր գործն անում էր վերին աստիճանի լուրջ և բարեպաշտորեն, նա հայտնվում էր, անցնում աքսորականների շարքերով, որոնք շրջապատում էին նրան, կանգ էր առնում ամեն մեկի առաջ, ամեն մեկին հարցուվարձ էր անում նրա կարիքների մասին, համարյա երբեք ոչ ոքի խրատներ չէր կարդում, նրանց բոլորին անվանում էր «աղավնյակներ»։ Նա փող էր տալիս, անհրաժեշտ իրեր՝ փաթեթներ, քաթան ուղարկում, երբեմն հոգեփրկիչ գրքեր էր բերում և դրանք նվիրում էր ամեն մի գրագետի, լիակատար համոզմունքով, որ դրանք ճանապարհին կկարդան և որ գրագետը կկարդա անգրագետի համար։ Հանցագործության մասին նա հազվադեպ էր հարցուփորձ անում, միայն ունկնդրում էր, եթե հանցագործն ինքն էր սկսում խոսել. բոլոր հանցագործները նրա համար մեկ էին, տարբերություն չէր դնում։ Նրանց հետ խոսում էր ինչպես եղբայրների հետ, բայց վերջը նրանք սկսեցին գեներալին հոր տեղ դնել։ Եթե նկատում էր երեխան գրկին որևէ աքսորական կնոջ, մոտենում էր, փաղաքշում երեխային, մատները շխկացնում, որպեսզի։ նա ծիծաղի։ Այդպես էր վարվում նա շատ տարիներ, մինչև մահը, այնտեղ հասավ, որ նրան ճանաչում էին ամբողջ Ռուսաստանում և ամբողջ Սիբիրում, այսինքն՝ բոլոր հանցագործները։ Սիբիրում եղած մեկը ինձ պատմում էր, որ նա ինքը վկա է եղել, թե ինչպես ամենաանուղղելի հանցագործները մտաբերում էին գեներալին, այնինչ խմբերին այցելելիս, գեներալը հազվադեպ էր կարողանում ամեն մեկին քսանական կոպեկից ավելի բաժանել։ Ճիշտ է, նրան մտաբերում էին ոչ թե ջերմությամբ կամ շատ լրջորեն։ Ընդամենը մի տասներկու հոգի սպանած, լոկ իր բավականության համար մի վեց հատ երեխա խողխողած «դժբախտներից» մեկը (ասում են, լինում էին այդպիսիք) հանկարծ, առանց որևէ առիթի, երբևէ, և ամբողջ քսան տարվա ընթացքում գուցե ընդամենը մեկ անգամ, հանկարծ կհառաչեր ու կասեր. «Տեսնես ծերուկ գեներալը դեռ ո՞ղջ է»։ Դրա հետ, կարող է պատահել, նույնիսկ քմծիծաղ կտար, և ահա ընդամենը հենց այդքան։ Իսկ ի՞նչ գիտեք, առհավետ ի՞նչ սերմ է գցել նրա հոգու մեջ այդ «ծերուկ գեներալը», որին նա չի մոռացել քսան տարում։ Ի՞նչ գիտեք, Բախմուտով, ի՜նչ նշանակություն կունենա մի անձնավորության այդ հաղորդակցությունը մյուս՝ հաղորդակից դարձված անձնավորության ճակատագրում... Չէ՞ որ այստեղ մի ամբողջ կյանք է և մեզնից թաքուն անթիվ-անհամար ճյուղավորումներ։ Ամենալավ շախմատ խաղացողը, նրանցից ամենասուր միտք ունեցողը վաղօրոք միայն մի քանի քայլ կարող է մտածել, նախօրոք տասը քայլի հաշիվ անել կարողացող մի ֆրանսիացի խաղացողի մասին գրում էին ինչպես հրաշքի մասին։ Իսկ այստեղ ինչքա՜ն քայլեր կան և ինչքա՜նն է մեզ անհայտ։ Ձեր սերմը նետելով, ձեր «ողորմությունը», ձեր բարի գործը նետելով, ինչ ձևով ուզում է դա լինի, դուք տալիս եք ձեր անձնավորության մի մասը և ձեր մեջ ընդունում ուրիշի մի մասը, դուք փոխադարձաբար հաղորդակից եք դառնում մեկդ մյուսիդ, ևս մի քիչ ուշադրություն, և դուք արդեն վարձատրվում եք տեղյակ դառնալով, ամենա անսպասելի հայտնագործություններով։ Վերջ ի վերջո դուք անպայման ձեր գործին կսկսեք նայել ինչպես գիտության. նա իր մեջ կգրավի ձեր ողջ կյանքը և կարող է լցնել ողջ կյանքը։ Մյուս կողմից, ձեր բոլոր մտքերը, ձեր նետած բոլոր սերմերը, որոնք գուցե դուք արդեն մոռացել եք, կմարմնավորվեն ու կաճեն. ձեզնից ստացողը կփոխանցի մեկ ուրիշին։ Եվ ի՞նչ գիտեք, թե դուք ինչ մասնակցություն կունենաք մարդկության ճակատագրի ապագա լուծման մեջ։ Իսկ եթե իմացությունը և ամրողջ կյանքում կատարած այդ աշխատանքը ձեզ վերջապես կբարձրացնեն մինչև այն աստիճան, որ դուք ի վիճակի կլինեք նետել մի վիթխարի սերմ, աշխարհին թողնել մի վիթխարի միտք, ապա... Եվ այլն, ես շատ խոսեցի այն ժամանակ։
 
— Եվ ընդսմին մարդ մտածի, որ հենց ձե՛զ է մերժված կյանքը,— չգիտես ում հասցեագրված տաք կշտամբանքով բացականչեց Բախմուտովը։
 
Այն րոպեին մենք կանգնած էինք կամուրջի վրա, բազրիքին հենված, և նայում էինք Նևային։
 
— Գիտե՞ք ինչ անցավ մտքովս,— ասացի ես, ավելի ևս կախվելով բազրիքից։
 
— Մի՞թե ջուրը նետվել,— գոչեց Բախմուտովը։ Գուցե նա կարդաց իմ միտքը դեմքիս վրա։
 
— Ոչ, առայժմ միայն դատողություն է, հետևյալը, ահա հիմա ինձ մնում է ապրելու երկու֊երեք ամիս, գուցե չորս, բայց, օրինակ, երբ կմնա ընդամենը միայն երկու ամիս, և եթե ես սաստիկ ուզենայի մի բարի գործ անել, որը պահանջեր աշխատանք, վազվզոց ու գլխացավանք, այ օրինակ մեր բժշկի գործի պես, ապա այդ դեպքում չէ՞ որ ես պետք է հրաժարվեի այդ գործից ինձ մնացած ժամանակի սղության պատճառով և մի ուրիշ, ավելի մանր «բարի գործ» փնտրեի, որը կհամապատասխաներ իմ ''հնարավորություններին'' (եթե բարի գործերի շատ ուժգին ցանկություն ունենամ)։ Համաձայնեցեք, որ սա զվարճալի միտք է։
 
Խեղճ Բախմուտովը շատ անհանգստացած էր ինձ համար, նա ինձ ուղեկցեց մինչև տուն և այնքան նրբանկատ էր, որ ոչ մի անգամ չսկսեց մխիթարել և գրեթե շարունակ լուռ էր։ Հրաժեշտ տալիս նա ջերմորեն սեղմեց ձեռքս և թույլտվություն խնդրեց այցելելու ինձ։ Ես նրան պատասխանեցի, որ եթե նա ինձ մոտ գա որպես «մխիթարիչ» (որովհետև, եթե նույնիսկ լռելու լիներ, ապա այնուամենայնիվ կգար որպես մխիթարիչ, ես այդ բացատրեցի նրան), ապա, նշանակում է, դրանով ամեն անգամ նա ավելի շատ ինձ կհիշեցնի մահվան մասին։ Նա ուսերը թոթվեց, բայց համաձայնեց ինձ հետ. մենք բաժանվեցինք բավական քաղաքավարի, որ ես նույնիսկ չէի սպասում։
 
Բայց այդ երեկո և այդ գիշեր նետվեց իմ «վերջին համոզմունքի» առաջին սերմը։ Ես ագահորեն կառչեցի այդ ''նոր'' մտքից, ագահորեն քննարկում էի այն իր բոլոր ոլորապտույտներով, իր բոլոր տեսքերով (ես ամբողջ գիշերը չքնեցի), և որքան ավելի էի խորանում այդ մտքի մեջ, որքան ավելի էի ընդունում իմ մեջ, այնքան ավելի էի վախենում։ Վերջապես սարսափելի վախ ընկավ մեջս և չէր հեռանում նաև հաջորդ օրերը։ Երբեմն, մտածելով իմ այդ մշտական վախի մասին, ես արագորեն սառչում էի նոր սարսափից. չէ՞ որ այդ վախից ես կարող էի եզրակացնել, որ իմ «վերջին համոզմունքը» չափազանց լուրջ է նստել մեջս և անպայման կհանգի իր լուծմանը։ Բայց լուծման համար ինձ պակասում էր վճռականությունը. երեք շաբաթ անց ամեն ինչ վերջացած էր, և վճռականությունը հայտնվեց, բայց մի չափազանց տարօրինակ առիթով։
 
Այստեղ իմ բացատրության մեջ ես նշում եմ բոլոր թվերն ու ամսաթվերը։ Ինձ համար, իհարկե, միևնույն կլինի, բայց ''հիմա'' (և, գուցե, միայն այս րոպեիս) ես ուզում եմ, որ նրանք, ովքեր դատելու կլինեն իմ արարքը, կարողանան պարզ տեսնել, թե եզրակացությունների ինչպիսի տրամաբանական շղթայից է դուրս եկել իմ «վերջին համոզմունքը»։ Ես հիմա վերև գրեցի, որ վերջնական վճռականությունը, որն ինձ պակասում էր իմ «վերջին համոզմունքը» կատարելու համար, իմ մեջ առաջացավ, կարծեմ, բոլորովին ոչ տրամաբանական եզրակացությունից, այլ ինչ-որ տարօրինակ մղումից, մի տարօրինակ հանգամանքից, որը գուցե ոչնչով կապված չէր գործի ընթացքին։ Մոտ տասն օր առաջ ինձ մոտ եկավ Ռոգոժինը, իր մի գործով, որի մասին ավելորդ է այստեղ ծավալվելը։ Ես առաջ երբեք չէի տեսել Ռոգոժինին, բայց նրա մասին շատ բան էի լսել։ Ես նրան տվի բոլոր անհրաժեշտ տեղեկանքները, և նա շուտով գնաց, և քանի որ նա միայն այդ տեղեկանքների համար էր եկել, ապա դրանով էլ կվերջանար գործը մեր մեջ։ Բայց նա ինձ շատ հետաքրքրեց, և այդ ամբողջ օրը ես տարօրինակ մտքերի ազդեցության տակ էի, այնպես որ վճռեցի հաջորդ օրը ինքս այցելության գնալ նրան։ Ըստ երևույթին Ռոգոժինը ուրախ չէր ինձ տեսնելու և նույնիսկ «քաղաքավարությամբ» ակնարկեց, որ կարիք չկա շարունակելու մեր ծանոթությունը, բայց և այնպես ես անցկացրի մի շատ հետաքրքիր ժամ, ինչպես, հավանաբար, և նա։ Մեր մեջ այնպիսի հակադրություն կար, որը չէր կարող չերևալ մեզ երկուսիս էլ, հատկապես ինձ. ես արդեն իմ օրերը հաշված մարդ էի, իսկ նա ամենալիակատար, անմիջական կյանքով, ներկա րոպեով ապրող մարդ, առանց որևէ հոգսի՝ «վերջին» եզրակացությունների, թվերի կամ որևէ այլ բանի մասին, որը չի վերաբերում նրան, որի համար... որի համար... դե, թեկուզ որի համար նա գժված է, թող ինձ ների այս արտահայտության համար պարոն Ռոգոժինը, թեկուզ որպես վատ գրականագետի, որը չի կարող իր միտքն արտահայտել։ Չնայած նրա ողջ անսիրալիրությանը, ինձ թվաց, որ նա խելքի տեր մարդ է և շատ բան կարող է հասկանալ, թեև նրան կողմնակի քիչ բան է հետաքրքրում։ Ես նրան չակնարկեցի իմ «վերջին համոզմունքի» մասին, բայց չգիտեմ ինչու թվաց, որ ինձ ունկնդրելով, նա կռահեց այն։ Նա լռեց. նա սաստիկ լռակյաց է։ Հեռանալիս ես նրան ակնարկեցի, որ չնայած մեր մեջ եղած ամբողջ տարբերությանը և բոլոր հակադրություններին, les extrémités se touchent<ref>Հակադրությունները մոտենում են իրար (ֆրանս.)։
</ref> (ես այդ բանը նրան բացատրեցի ռուսերեն), այնպես որ, կարող է պատահել, նա ինքն էլ բնավ այնքան հեռու չէ իմ «վերջին համոզմունքից», ինչպես թվում է։ Դրան նա պատասխանեց շատ մռայլ ու թթու ծամածռությամբ, վեր կացավ, ինքը որոնեց գտավ գլխարկս, ձևացնելով, իբր ես ինքս եմ գնում, և ուղղակի ինձ դուրս հանեց իր մռայլ տնից, այնպես ցույց տալով, թե իբր քաղաքավարությամբ ճամփու է դնում ինձ։ Նրա տունն ինձ զարմացրեց. գերեզմանատան է նմանում, իսկ նրան, կարծես, դուր է գալիս, որը, ասենք, հասկանալի է, այդպիսի լիարյուն, անմիջական կյանքը, որով նա ապրում է, շատ լիարյուն է ինքնին, որպեսզի կահավորանքի կարիք ունենա։
 
Ռոգոժինին կատարած այդ այցելությունը շատ հոգնեցրեց ինձ։ Բացի այդ, դեռ առավոտվանից վատ էի զգում, երեկոյան կողմ շատ թուլացա և պառկեցի մահճակալիս, իսկ ժամանակ առ ժամանակ զգում էի ուժեղ ջերմություն և նույնիսկ րոպեներ էին լինում, որ զառանցում էի։ Մինչև ժամը տասնմեկը Կոլյան մոտս մնաց։ Սակայն ես հիշում եմ այն ամենը, ինչ որ նա ասում էր, և ինչի մասին որ խոսում էինք։ Բայց երբ մի քանի րոպեով աչքերս փակվում էին, ապա շարունակ ինձ պատկերանում էր իբր թե միլիոններ ստացած Իվան Ֆոմիչը։ Նա չգիտեր, թե որտեղ պահի այդ փողերը, գլուխ էր կոտրում դրա վրա, վախից դողում էր, թե կգողանան, և, վերջապես, իբր թե որոշեց հողում թաղել։ Ես, վերջապես, նրան խորհուրդ տվի, որ այդ փողի կույտը փոխանակ զուր տեղը հողում թաղի, լավ կանի, եթե այդ ամբողջ դեզից ոսկյա դագաղիկ ձուլի «սառեցրած» մանկան համար և դրա համար երեխային թաղած տեղից հանի։ Իբր թե իմ այդ ծաղրը Սուրիկովն ընդունեց շնորհակալության արցունքներով և անմիջապես անցավ ծրագրի իրագործմանը։ Ես իբր թե թքեցի ու հեռացա նրանից։ Երբ ես բոլորովին սթափվեցի, Կոլյան ինձ հավատացնում էր, որ ես բոլորովին չեմ քնել և որ այդ ամբողջ ժամանակ նրա հետ խոսել եմ Սուրիկովի մասին։ Որոշ րոպեներ ես լինում էի շատ թախծոտ ու հուզված, այնպես որ Կոլյան հեռացավ անհանգստացած։ Երբ ես ինքս վեր կացա, որպեսզի նրա հետևից դուռը կողպեմ բանալիով, հանկարծ միտս եկավ մի պատկեր, որը տեսել էի Ռոգոժինի մոտ, նրա տան ամենամռայլ դահլիճներից մեկում, դռան վերև։ Այդ պատկերը նա ինքը ինձ ցույց տվեց հարևանցի, ես, կարծեմ, նրա առաջ կանգնեցի մի հինգ րոպե։ Արտիստական տեսակետից նրանում ոչ մի լավ բան չկար, բայց նա իմ մեջ ինչ-որ տարօրինակ անհանգստություն առաջացրեց։
 
Այդ նկարում պատկերված է խաչից հենց նոր ցած իջած Քրիստոսը։ Ինձ թվում է, նկարիչներն առհասարակ սովորություն են դարձրել թե խաչի վրա, թե խաչից ցած բերած Քրիստոսին պատկերել դեմքի դեռևս արտասովոր գեղեցկության երանգով. նրա այդ գեղեցկությունը նկարիչները փորձում են պահպանել նույնիսկ ամենասարսափելի տանջանքների պահին։ Այնինչ Ռոգոժինի պատկերում գեղեցկության մասին խոսք անգամ չկա. դա իսկական դիակ է մի մարդու, որը դեռ մինչև խաչ բարձրանալը տարել է անհամար տանջանքներ, վերքեր, խոշտանգումներ, ծեծ պահակներից, ծեծ ժողովրդից, երբ նա տանում էր իր խաչը և ընկավ խաչի ծանրության տակ, և, վերջապես, խաչի տանջանքը վեց ժամվա ընթացքում (առնվազն այդքան պետք է լինի իմ հաշվով)։ Ճիշտ է, այդ դեմքը խաչից ''հենց նոր'' ցած բերած մարդու դեմք է, այսինքն՝ իր մեջ չափազանց շատ կենդանի, տաք բան պահպանած դեմք, դեռևս ոչինչ չի քարացել, այնպես որ մեռածի դեմքին նույնիսկ երևում է տառապանք, որը կարծես թե նա հիմա էլ զգում է (արտիստը դա շատ լավ է որսացել), բայց դրա փոխարեն դեմքը բոլորովին չի խնայել, այստեղ լոկ բնությունն է, և իսկապես էլ այդպիսի տանջանքներից հետո այդպես պետք է լինի մարդու դիակը, ով էլ որ նա լինի։ Ես գիտեմ, որ քրիստոնեական եկեղեցին դեռևս առաջին դարերում պարզել է, որ Քրիստոսը տառապել է ոչ թե պատկերավոր, այլ իրապես, և որ նրա մարմինն էլ, նշանակում է, խաչի վրա լիովին ու միանգամայն ենթակա է եղել բնության օրենքին։ Պատկերի մեջ այդ դեմքը սարսափելի ջարդված է հարվածներից, ուռած է, սոսկալի, ուռած ու արյունլվա կապտուկներով, աչքերը բաց են, բիթերը ծռված, աչքերի խոշոր, բաց սպիտակուցները փայլում են ինչ-որ մեռելատիպ, ապակյա փայլով։ Բայց տարօրինակ է, երբ նայում ես տանջահար մարդու այդ դիակին, ապա մի առանձնահատուկ ու հետաքրքիր հարց է ծնվում. եթե ճիշտ այդպիսի դիակ էին տեսել (իսկ այն դիակը անպայման պետք է ճիշտ այդպիսին լիներ) նրա բոլոր աշակերտները, նրա ապագա գլխավոր առաքյալները, տեսել էին նրա հետևից գնացած և խաչի մոտ կանգնած կանայք, բոլոր նրան հավատացողներն ու պաշտողները, ապա, այդպիսի դիակին նայելով, ինչպե՞ս կարող էին հավատալ, որ այդ տառապյալը հարություն կառնի։ Այստեղ ակամա այն հասկացողությունն է առաջանում, որ եթե այդքան սարսափելի է մահը, և այդպես ուժեղ են բնության օրենքները, ապա ինչպե՞ս հաղթահարել դրանք։ Ինչպե՞ս հաղթահարել դրանք, երբ հիմա դրանք չհաղթահարեց նույնիսկ նա, ով իր ողջության ժամանակ հաղթահարում էր և բնությունը, որին ենթարկվում էր բնությունը, որը բացականչեց՝ «''Տալիթա կումի''», և աղջիկը տեղից վեր կացավ, «Ղազարոս, հեռացիր այստեղից», և մեռածը դուրս գնաց։ Այդ նկարին նայելիս բնությունը պատկերանում է ինչ֊որ վիթխարի, անողոք ու համր գազանի տեսքով կամ, ավելի ճիշտ կլինի ասել, թեև տարօրինակ, նորագույն կառուցվածքի որևէ մեքենայի տեսքով, որը խուլ ու անզգա, անիմաստորեն հափշտակել, փշուրփշուր արել և կուլ է տվել մի վսեմ ու անգին էակ, այնպիսի էակ, որը մենակ արժեր ամբողջ բնությանն ու նրա բոլոր օրենքներին, ամբողջ երկրին, որը գուցե միայն ստեղծված է եղել այդ էակի հայտնվելու համար։ Այդ պատկերով կարծես թե արտահայտվում է հենց այդ հասկացությունը խավար, լրբենի ու անիմաստորեն հավերժական ուժի մասին, որին ենթարկված է ամեն ինչ, և ակամա հաղորդվում է ձեզ։ Մեռածին շրջապատող այդ մարդիկ, որոնցից ոչ մի մարդ չկար նկարում, պետք է որ սարսափելի թախիծ ու հուզմունք զգային այն երեկո, որը միանգամից ջախջախեց նրանց բոլոր հույսերը և գրեթե հավատալիքները։ Նրանք պետք է որ ցրվեին ամենասարսափելի վախը սրտներում, թեև նրանցից յուրաքանչյուրը իր մեջ տանում էր մի վիթխարի միտք, որն արդեն երբեք չէր կարող նրանց միջից կորզվել։ Եվ եթե այդ ուսուցիչը կարողանար մահապատժի նախօրեին տեսնել իր պատկերը, ապա նա ինքը արդյոք այդպե՞ս խաչ կբարձրանար և այդպե՞ս կմեռներ, ինչպես հիմա։ Ակամա այդ միտքն էլ է ծագում, երբ նայում ես պատկերին։
 
Այդ բոլորն ինձ էլ պատկերանում էր կցկտուր, գուցե, իրոք, զառանցանքի հետ խառը, երբեմն նույնիսկ կերպարներով, Կոլյայի գնալուց հետո ամբողջ ժամ ու կես։ Արդյոք կարո՞ղ է կերպարներով պատկերանալ մի բան, որր կերպարանք չունի։ Բայց կարծես որոշ պահերի ինձ թվում էր, թե ես տեսնում եմ ինչ֊որ տարօրինակ ու անկարելի ձևով, այդ հավերժական ուժը, այդ խուլ, խավար ու համր էակին։ Ես հիշում եմ, որ մեկը ձեռքիցս բռնած, մոմը ձեռքին, տարավ, ցույց տվեց մի հսկայական նողկալի մորմ և սկսեց հավատացնել, թե դա հենց այն խավար, խուլ ու ամենազոր էակն է, և ծիծաղում էր վրդովմունքիս վրա։ Իմ սենյակում սրբապատկերի առաջ գիշերը միշտ կանթեղ են վառում, աղոտ ու չնչին մի լույս, բայց ամեն ինչ կարելի է ջոկել, իսկ կանթեղի տակ նույնիսկ կարելի է կարդալ։ Կարծում եմ, որ արդեն ժամը մեկն էր սկսվում. ես բոլորովին չէի քնել և պառկած էի բաց աչքերով, հանկարծ սենյակիս դուռը բացվեց, և ներս մտավ Ռոգոժինը։
 
Նա ներս մտավ, դուռը ծածկեց, լուռ նայեց ինձ և կամացուկ գնաց անկյունը, դեպի այն աթոռը, որը գրեթե ուղղակի կանթեղի տակ է։ Ես շատ զարմացա և նայում էի սպասումով, Ռոգոժինը արմունկները հենեց սեղանին և սկսեց լուռ նայել ինձ։ Այդպես անցավ երկու-երեք րոպե, և հիշում եմ, որ նրա լռությունը շատ վիրավորեց ու զայրացրեց ինձ։ Ախր ինչո՞ւ նա չի ուզում խոսել։ Այն, որ նա այդպես ուշ էր եկել, իհարկե, ինձ տարօրինակ թվաց, բայց հիշում եմ, որ առանձնապես զարմացած չէի հատկապես դրա համար։ Նույնիսկ ընդհակառակը, թեպետ առավոտյան նրան պարզ չհայտնեցի միտքս, բայց գիտեմ, որ նա հասկացավ, իսկ այդ միտքը այն բնույթի էր, որ դրա առթիվ, իհարկե, կարելի էր մի անգամ էլ գալ խոսելու, թեկուզ նույնիսկ շատ ուշ։ Ես այդպես էլ գիտեի, որ դրա համար է եկել։ Մենք առավոտյան մի քիչ թշնամաբար բաժանվեցինք, և ես նույնիսկ հիշում եմ, նա մի երկու անգամ ինձ վրա նայեց շատ ծաղրալի։ Հիմա նրա հայացքում ահա հենց այդ ծաղրը նկատեցի և հենց դա ինձ վիրավորեց։ Սկզբում ամենևին չէի կասկածում, որ դա իրոք Ռոգոժինն ինքն է, այլ ոչ թե տեսիլ, ոչ թե զառանցանք։ Նույնիսկ մտքովս չէր անցնում։
 
Մինչդեռ նա շարունակում էր նստած մնալ և շարունակ ինձ էր նայում ծաղրանքով։ Ես չարացած շրջվեցի անկողնում, նույնպես արմունկով հենվեցի բարձին և դիտմամբ որոշեցի նույնպես լռել, թեկուզ ամբողջ ժամանակ այդպես նստելու լինեինք։ Չգիտես ինչու ես անպայման ուզում էի, որ առաջինը նա սկսեր խոսել։ Կարծում եմ, այդպես անցավ մոտ քսան րոպե։ Հանկարծ մտածեցի՝ չլինի՞ դա ոչ թե Ռոգոժինն է, այլ միայն տեսիլ։
 
Ոչ հիվանդությանս ժամանակ և ոչ էլ առաջ ես դեռ երբեք, ոչ մի անգամ ոչ մի ուրվական չէի տեսել, բայց ինձ միշտ թվացել է, երբ դեռ փոքր տղա էի, և նույնիսկ հիմա, այսինքն՝ նորերս, որ եթե գեթ մի անգամ ուրվական տեսնեմ, տեղնուտեղը կմեռնեմ, նույնիսկ չնայած նրան, որ ոչ մի ուրվականի չեմ հավատում։ Բայց երբ մտքովս անցավ, որ դա Ռոգոժինը չէ, այլ միայն ուրվական է, ապա, հիշում եմ, բոլորովին չվախեցա։ Դեռ ավելին, նույնիսկ բարկացա դրա վրա։ Տարօրինակ է և այն, որ ինձ մի տեսակ այնքան էլ չէր զբաղեցնում ու անհանգստացնում ինչպես, թվում է, դա պետք է լիներ, այն հարցի լուծումը՝ ուրվակա՞ն է արդյոք, թե Ռոգոժինն ինքը, ինձ թվում է, որ այն ժամանակ ինչ֊որ ուրիշ բանի մասին էի մտածում։ Ինձ, օրինակ, շատ ավելի էր զբաղեցնում այն հարցը, թե ինչու Ռոգոժինը, որ առավոտյան տնային գիշերազգեստով ու տնային կոշիկներով էր, հիմա ֆրակով է, սպիտակ ժիլետով ու սպիտակ փողկապով։ Գլխովս անցնում էր նաև այս միտքը՝ եթե դա ուրվական է, և ես նրանից չեմ վախենում, ապա ինչո՞ւ տեղիցս վեր չկենամ, չմոտենամ նրան ու չհամոզվեմ։ Ասենք, գուցե ես չէի համարձակվում նույնիսկ վախենալ։ Բայց հենց որ մտածեցի, թե վախենում եմ, կարծես հանկարծ սառույց քսեցին ամբողջ մարմնիս, ցուրտ զգացի մեջքիս և ծնկներս դողացին։ Այդ նույն վայրկյանին, կարծես կռահելով, որ ես վախենում եմ, Ռոգոժինը ետ տարավ ձեռքը, որի վրա հենվել էր, շտկվեց և սկսեց բերանը շարժել, կարծես պատրաստվում էր ծիծաղել, նա շեշտակի նայում էր ինձ։ Այնպես կատաղեցի, որ ուղղակի ուզում էի հարձակվել նրա վրա, բայց քանի որ երդվել էի, որ առաջինը ես չեմ սկսի խոսել, ապա մնացի մահճակալի վրա, մանավանդ որ դեռևս համոզված չէի՝ արդյոք դա Ռոգոժինն ի՞նքն է, թե ոչ։
 
Հաստատ չեմ հիշում, թե դա ինչքան տևեց, հաստատ չեմ հիշում նաև, արդյոք երբեմն մի քանի րոպե ուշակորույս լինո՞ւմ էի, թե ոչ։ Միայն, վերջապես, Ռոգոժինը վեր կացավ, նույնպես դանդաղ և ուշադիր զննեց ինձ, ինչպես և առաջ, երբ ներս էր մտել, բայց քմծիծաղ տալը դադարեցրեց և կամացուկ, համարյա թաթերի ծայրին, դռանը մոտեցավ, բացեց, վրա քաշեց ու դուրս եկավ։ Ես անկողնից վեր չկացա. չեմ հիշում, էլի որքան ժամանակ պառկած մնացի, բաց աչքերով և շարունակ մտածում էի. աստված գիտի, թե ինչի մասին էի մտածում, չեմ հիշում նաև, թե ինչպես քնով անցա։ Հաջորդ առավոտյան ես արթնացա, երբ դուռս բախեցին, ժամը տասին մոտ։ Մենք այնպես ենք պայմանավորվել, որ եթե մինչև ժամը տասի կողմը ինքս բաց չանեմ դուռը և չբղավեմ, որ ինձ թեյ տան, ապա Մատրյոնան ինքը պետք է բախի դուռը։ Երբ դուռը բաց արի նրա առաջ, իսկույն գլխովս մի միտք անցավ. ինչպե՞ս կարող էր Ռոգոժինը մտնել, երբ դուռը կողպած էր։ Ես տեղեկացա և համոզվեցի, որ իսկական Ռոգոժինի համար ներս մտնելն անհնար էր, որովհետև մեր բոլոր դռները գիշերը փակվում են կողպեքով։
 
Ահա այսպես մանրամասնորեն նկարագրած հենց այս առանձնահատուկ դեպքը պատճառ եղավ, որ ես բոլորովին «վճռեցի»։ Նշանակում է, վերջնական վճռին նպաստեց ոշ թե տրամաբանությունը, ոչ թե տրամաբանական համոզմունքը, այլ նողկանքը։ Չի կարելի մնալ այն կյանքում, որն ընդունում է այդպիսի տարօրինակ, ինձ վիրավորող ձևեր։ Այդ տեսիլն ինձ ստորացրեց։ Ես անզոր եմ ենթարկվել մորմի տեսք ընդունած խավար ուժին։ Եվ միայն այն ժամանակ, երբ ես, արդեն մթնշաղին, վերջապես իմ մեջ զգացի լիակատար վճռականության վերջնական րոպեն, թեթևություն զգացի։ Դա միայն առաջին փուլն էր. հաջորդ փուլի համար ես գնացի Պավլովսկ, բայց դա արդեն բավականաչափ բացատրված է։
=== VII ===
 
«Ես մի փոքրիկ գրպանի ատրճանակ ունեի, դա ձեռք էի բերել, երբ դեռ երեխա էի, այն ծիծաղելի տարիքում, երբ հանկարծ սկսում են դուր գալ պատմությունները մենամարտերի, ավազակների հարձակումների մասին, այն մասին, թե ինչպես ինձ էլ մենամարտի կկանչեն և ինչպես վեհորեն կկանգնեմ ատրճանակի առաջ։ Այն արկղում, որտեղ ատրճանակս էր դրված, գտնվեց երկու գնդակ, իսկ վառոդի եղջյուրի մեջ մի երեք լիցքի վառոդ։ Այդ ատրճանակը անպետք բան է, կրակում է շեղ և դիպչում է միայն տասնհինգ քայլի վրա, բայց, իհարկե, կարող է գանգը մի կողմ շուռ տալ, եթե փողը ուղիղ քունքիդ դնես։
 
Ես որոշել եմ մեռնել Պավլովսկում, արևածագին և իջնելով զբոսայգին, որպեսզի ոչ ոքի չանհանգստացնեմ ամառանոցում։ Իմ «Բացատրությունը» ամբողջ գործը բավականաչափ կբացատրի ոստիկանությանը։ Հոգեբանության սիրահարները և նրանք, ում հարկավոր է, ինչ ուզենան, կարող են հետևցնել նրանից։ Սակայն ես չէի ցանկանա, որ այս ձեռագիրը հրապարակվեր։ Խնդրում եմ իշխանին մի օրինակ պահել իր մոտ և մի օրինակը հանձնել Ագլայա Իվանովնա Եպանչինային։ Այդպես է իմ կամքը։ Դիակս կտակում եմ բժշկական ակադեմիային գիտական օգուտի համար։
 
Ես ինձ վրա դատավորներ չեմ ճանաչում և գիտեմ, որ հիմա ամեն մի դատարանի իշխանությունից դուրս եմ։ Դեռ վերջերս մի ենթադրություն ծիծաղս շարժեց. ի՞նչ կլիներ, եթե հանկարծ խելքիս փչեր հիմա որևէ մեկին սպանել, թեկուզ միանգամից տասը հոգու, կամ թե մի ամենասարսափելի բան անեի, ինչ որ ամենասարսափելին է համարվում այս աշխարհում, ապա իմ առաջ ի՞նչ անհարմար վիճակի մեջ կընկներ դատարանը իմ երկու-երեք շաբաթվա ժամկետով և տանջանքների ու խոշտանգումների ոչնչացմամբ։ Ես բարեհարմար վիճակում կմեռնեի նրանց հիվանդանոցում, տաք սենյակում և ուշադիր բժշկով, և, գուցե, շատ ավելի բարեհարմար ու տաք, քան սեփական տանս։ Չեմ հասկանում, ինչու իմ վիճակում գտնվող մարդկանց գլխով էլ այսպիսի միտք չի անցնում, թեկուզև միայն ի սեր կատակի։ Ասենք, գուցե և անցնում է. ուրախ մարդիկ մեզանում էլ շատ կգտնվեն։
 
Բայց եթե անգամ ես դատարան չեմ ճանաչում ինձ վրա, համենայն դեպս գիտեմ, որ ինձ կզատեն, երբ ես արդեն խուլ ու անձայն պատասխանող կլինեմ։ Չեմ ուզում հեռանալ առանց պատասխանի խոսք թողնելու, ազատ, այլ ոչ թե հարկադրական խոսք, ոչ թե արդարանալու համար, ո՜չ. ես ոչ ոքից և ոչնչի համար ներողություն խնդրելու բան չունեմ, այլ այնպես, որովհետև ինքս եմ ուզում դա։
 
Այստեղ նախ և առաջ մի տարօրինակ միտք է առաջանում. ո՞ւմ մտքով կանցներ, հանուն ո՞ր իրավունքի, հանուն ի՞նչ մղումի այժմ ինձ հետ վիճել և ժխտել այդ երկու-երեք շաբաթվա ժամկետի իմ իրավունքը։ Այստեղ ո՞ր դատարանի ինչ գործն է։ Ո՞ւմ է պետք, որ ես ոչ միայն դատապարտվեի, այլև բարեբարո համբերությամբ դիմանայի դատապարտության ժամկետին։ Մի՞թե հիրավի դա որևէ մեկին պետք է։ Բարոյականությա՞ն համար։ Ես դեռ հասկանում եմ, որ եթե փթթուն առողջությամբ և ուժերով լեցուն վիճակում ոտնձգություն անեի կյանքիս դեմ, որը «կարող էր օգտակար լինել մերձավորիս» և այլն, ապա, ըստ հնամոլ բարքերի, բարոյականությունը դեռ կարող էր ինձ կշտամբել նրա համար, որ առանց հարցնելու տնօրինել եմ կյանքս, կամ ինչի համար որ ինքը կուզի։ Իսկ հիմա, հիմա, երբ ինձ արդեն կարդացել են դատավճռի ժամկե՞տը։ Էլ ի՞նչ բարոյականություն է պետք, բացի ձեր կյանքից և վերջին խռխռոցից, որով կտաք ձեր կյանքի վերջին ատոմը, ունկնդրելով իշխանի մխիթարանքներին, որը իր քրիստոնեական ապացույցներում անպայման կհասնի այն երջանիկ մտքին, որ ըստ էության նույնիսկ ավելի լավ է, որ մեռնում ենք։ (Նրա նման քրիստոնյաները միշտ հասնում են այդ մտքին, դա նրանց սիրած բանն է)։ Եվ ի՞նչ են ուզում նրանք իրենց ծիծաղելի «պավլովսկյան ծառերով»։ Քաղցրացնել կյանքիս վերջին ժամե՞րը։ Մի՞թե նրանց համար հասկանալի չէ, որ որքան ավելի մոռացության տրվեմ, որքան ավելի անձնատուր լինեմ կյանքի ու սիրո այդ վերջին ուրուին, որոնցով նրանք ուզում են ինձնից ծածկել իմ Մեյերի պատը, և այն ամենը, ինչ գրված է նրա վրա այնպես անկեղծ ու պարզասրտորեն, այնքան ավելի դժբախտ կդարձնեն ինձ։ Իմ ինչի՞ն է պետք ձեր բնությունը, ձեր պավլովսկյան զբոսայգին, ձեր արևածագերն ու մայրամուտները, ձեր կապույտ երկինքը և ամեն ինչից գոհ ձեր դեմքերը, եթե այդ ողջ խնջույքը, որը վախճան չունի, նրանով սկսեց, որ միայն ինձ համարեց ավելորդ։ Ինչի՞ս է պետք այս ամբողջ գեղեցկությունը, երբ ես ամեն րոպե, ամեն վայրկյան հիմա պետք է և հարկադրված եմ գիտենալ, որ նույնիսկ ահա այս պստլիկ մժղուկը, որը հիմա տզտզում է ինձ մոտ արևի ճառագայթի մեջ, նույնիսկ նա մասնակից է այս ամբողջ խնջույքին ու խմբին, գիտի իր տեղը, սիրում է այն ու երջանիկ է, և մենակ ես եմ վիժվածք, և միայն փոքրոգությանս պատճառով մինչև հիմա չէի ուգամ դա հասկանալ։ Օ, չէ որ ես գիտեմ, թե ինչպես կուզենային իշխանը և բոլոր նրանք ինձ այնտեղ հասցնել, որ ես էլ, այս բոլոր «խարդախ ու չար» խոսքերի փոխարեն բարեբարոյությունից դրդված և բարոյականության հաղթանակի համար երգեի Միլվուայի հանրահայտ ու կլասիկ բանաստեղծության տունը.
 
О, puissent voir votre beauté sacrée<br />
Tant d’amis sourds à mes adieux!<br />
Qu’ils meurent pleins de jours, que leur mort soit pleurée,<br />
Qu’un ami leur ferme les yeux!<ref>1 Օ՜, ձեր սրբազան գեղեցկությունը թող նոքա՛ տեսնեն,//Բարեկամներն այն, որ խուլ ձևացան, երբ ես հեռացա,//Թող ծեր հասակում գերեզման իջնեն,//Թող նոցա մահը ողբան ու կոծեն,Մերձավորների ձեռքով թող փակվեն աչքերը նոցա...//(Թարգմ. Պ. Միքայելյան)։
</ref>
 
Բայց հավատացեք, հավատացեք, պարզասիրտ մարդիկ, որ այդ բարեբարո բանաստեղծական տան մեջ էլ, ֆրանսիական բանաստեղծության՝ աշխարհին ուղղած այս ակադեմիական օրենքի մեջ էլ այնքան թաքուն մաղձ կա, այնքան ինքն իրեն հաճույք պատճառող հանգավոր չարություն, որ նույնիսկ բանաստեղծն ինքը, գուցե, անհարմար դրության մեջ է ընկել և այդ չարությունը խանդաղատանքի արցունքի տեղ է դրել ու այդպես էլ մեռել. հանգի՜ստ նրա աճյունին։ Գիտցեք, որ սեփական ոչնչությունն ու վատուժությունը գիտակցելու ամոթալի այնպիսի սահման կա, որից այն կողմ արդեն մարդ չի կարող գնալ և ահա սկսում է իր բուն խայտառակությունից հսկայական բավականություն զգալ․․․ Դե, իհարկե, այդ իմաստով խոնարհվելը հսկայական ուժ է, ես այդ ընդունում եմ, թեև ոչ այն իմաստով, ինչ իմաստով որ կրոնը խոնարհվելը համարում է ուժ։
 
Կրո՜նը։ Հավիտենական կյանքը ես հնարավոր եմ համարում և, գուցե, միշտ էլ համարում էի։ Թող որ գեղեցկությունը վառվել է բարձրագույն ուժի կամքով, թող որ այդ կամքը նայել է աշխարհին ու ասել՝ «ես կա՛մ», և թող որ հենց այդ բարձրագույն ուժը հանկարծ գիտակցությանը պատվիրագրել է ոչնչանալ, որովհետև չգիտես ինչու և նույնիսկ առանց բացատրության՝ թե ինչու, դա պետք է, թո՛ղ, ես այդ բոլորը հնարավոր եմ համարում, բայց դարձյալ նույն հավիտենական հարցը. ընդսմին ինչո՞ւ է անհրաժեշտ իմ հնազանդվելը։ Մի՞թե չի կարելի ինձ ուղղակի ուտել առանց ինձնից գովասանք պահանջելու նրա հասցեին, ինչը ինձ կերավ։ Մի՞թե իրոք այնտեղ որևէ մեկը կվիրավորվի, որ ես չեմ ուզում սպասել երկու շաբաթ, չեմ հավատում դրան, և եթե կուզեք, շատ ավելի ուղիղ կլինի ենթադրել, որ այստեղ պետք է եկել իմ չնչին կյանքը, հյուլեի կյանքը, ամբողջովին ինչ-որ համընդհանուր ներդաշնակության լրացման համար, ինչ֊որ պլյուսի ու մինուսի համար, մի որևէ կոնտրաստի համար և այլն, և այլն, ճիշտ այնպես, ինչպես ամենայն օր պետք է գալիս բազմաթիվ էակների կյանքը, առանց որոնց մահվան մնացած աշխարհը չի կարող կանգուն մնալ (թեև պետք է նկատել, որ սա ինքնըստինքյան այնքան էլ մեծահոգի միտք չէ)։ Բայց թո՛ղ։ Ես համաձայն եմ, որ առանց մշտապես միմյանց ուտելու ոչ մի կերպ հնարավոր չէր կառուցել աշխարհը, ես նույնիսկ համաձայն եմ ենթադրել, որ ոչինչ չեմ հասկանում այդ կառուցվածքում, բայց փոխարենը ահա ինչ գիտեմ հաստատ. եթե մի անգամ արդեն ինձ տվել են այն գիտակցությունը, որ «ես կամ», ապա իմ ի՞նչ գործն է, թե աշխարհը կառուցված է սխալներով և որ այլ կերպ նա չի կարող կանգուն մնալ։ Դրանից հետո այդ ո՞վ և ինչի՞ համար պետք է ինձ դատի։ Ինչպես կուզեք, այս բոլորը անհնար է ու անարդարացի։
 
Մինչդեռ ես երբեք, չնայած նույնիսկ ողջ ցանկությանս, չեմ կարողացել պատկերացնել, որ ապագա կյանք և նախախնամություն չկա։ Ամենից ճիշտն այն է, որ այդ ամենը կա, բայց մենք ոչինչ չենք հասկանում ապագա կյանքից և նրա օրենքներից։ Բայց եթե դա այդպես դժվար է և նույնիսկ բոլորովին անհնար է հասկանալ, ապա մի՞թե ես պետք է պատասխան տամ նրա համար, որ անկարող էի հասկանալ անիմանալին։ Ճիշտ է, նրանք ասում են, և իհարկե, իշխանն էլ նրանց հետ, որ հենց այստեղ է պետք հնազանդությունը, որ հնազանդվել պետք է առանց դատողությունների, լոկ միայն բարեբարոյությունից և որ իմ հեզության փոխարեն ես անպայման կվարձատրվեմ այն աշխարհում։ Մենք սաստիկ ստորացնում ենք նախախնամությունը, նրան վերագրելով մեր հասկացությունները, զայրույթից, որ չենք կարող հասկանալ նրան։ Բայց դարձյալ, եթե անհնար է նրան հասկանալը, ապա, կրկնում եմ, դժվար է նաև պատասխան տալ այն բանի համար, ինչն անկարող է մարդը հասկանալ։ Իսկ եթե այդպես է, հապա ինչպե՞ս կարող են ինձ դատել այն բանի համար, որ ես չէի կարող հասկանալ նախախնամության իսկական կամքն ու օրենքները։ Ոչ, ավելի լավ է թողնենք կրոնը։
 
Համ էլ բավական է։ Երբ այս տողերին հասնեմ, հավանաբար արդեն կծագի արևը և «կերգի արփին», և ամբողջ ընդարեգնյա աշխարհում կհորդի վիթխարի, անչափելի մի ուժ։ Թո՛ղ։ Ես կմեռնեմ ուղղակի նայելով ուժի ու կյանքի աղբյուրին, և չեմ ցանկանա այդ կյանքը։ Եթե ես չծնվելու իշխանությունն ունենայի, ապա հավանաբար չէի ընդունի գոյությունը այսպիսի ծաղրալի սկզբունքներով։ Բայց ես դեռ ունեմ մեռնելու իշխանությունը, թեև վերադարձնում եմ արդեն ինձ տրվածը։ Մի մեծ իշխանության չէ, ոչ էլ մեծ ըմբոստացում։
 
Մի վերջին բացատրություն. ես մեռնում եմ բոլորովին էլ ոչ նրա համար, որ անկարող եմ տանել այս երեք շաբաթը. օ, իմ ուժը կպատեր, և եթե ուզենայի, ապա արդեն բավականաչափ մխիթարված կլինեի լոկ ինձ հասցրած վիրավորանքի գիտակցումից. բայց ես ֆրանսիացի բանաստեղծը չեմ և չեմ ուզում այդպիսի մխիթարանքներ։ Եվ վերջապես գայթակղությունը. բնությունն այն աստիճան է սահմանափակել իմ գործողությունն իր դատավճռի երեք շաբաթով, որ, գուցե, ինքնասպանությունը միակ գործն է, որը ես դեռ կարող եմ սկսել ու ավարտել սեփական կամքովս։ Ի՛նչ կա որ, գուցե ես հենց ուզում եմ օգտվել ''գործ'' անելու վերջին հնարավորությունի՞ց։ Բողոքը երբեմն փոքր գործ չէ...»։
 
«Բացատրությունն» ավարտված էր, Իպոլիտը, վերջապես կանգ առավ...
 
Ծայրահեղ դեպքերում լինում է ցինիկ անկեղծության այն վերջին աստիճանը, երբ գրգռված և իր չափը կորցրած ջղային մարդը արդեն ոչնչից չի վախենում և պատրաստ է թեկուզ ամեն մի սկանդալի, նույնիսկ ուրախ է դրա համար, հարձակվում է մարդկանց վրա, ընդսմին անորոշ, բայց հաստատ նպատակ ունենալով անպայման մի րոպե անց ցած գլորվել զանգակատնից և դրանով միանգամից լուծել բոլոր տարակուսանքները, եթե այդ ժամանակ այդպիսիք լինեին։ Սովորաբար այդպիսի վիճակի նշանը լինում է նաև ֆիզիկական ուժերի վերահաս սպառումը։ Մինչև հիմա Իպոլիտին պահող արտակարգ, գրեթե անբնական լարումը հասել էր այդ վերջին աստիճանին։ Ինքնըստինքյան այդ տասնութամյա, հիվանդությունից հյուծված տղան թվում էր թույլ, ինչպես ծառից պոկված դողդոջուն տերև, բայց հենց որ նա հայացքը հածեց իր ունկնդիրների վրա,— առաջին անգամ ամբողջ վերջին ժամվա ընթացքում,— ապա անմիջապես ամենամեծամիտ, ամենաարհամարհական ու վիրավորական նողկանք արտահայտվեց նրա հայացքում և ժպիտի մեջ։ Նա շտապում էր իր մարտահրավերը հայտնելու։ Բայց ունկնդիրներն էլ կատարելապես վրդովված էին։ Բոլորն աղմուկով ու սրդողած վեր էին կենում սեղանի մոտից։ Հոգնածությունը, գինին, լարվածությունը սաստկացնում էին տպավորությունների անկարգությունն ու կարծես թե կեղտը, եթե կարելի է այսպես արտահայտվել։
 
Հանկարծ Իպոլիտն արագ վեր թռավ աթոռից, կարծես տեղից պոկվեց։
 
— Արևը՜ ծագեց,— բղավեց նա, տեսնելով ծառերի փայլող կատարները և դրանք ցույց տալով իշխանին, ինչպես հրաշք,— ծագե՜ց։
 
— Իսկ դուք կարծում էիք չի՞ ծագի, ինչ է,— նկատեց Ֆերդիշչենկոն։
 
— Նորից անտանելի շոգ ամբողջ օրը,— անփույթ բարկությամբ փնթփնթաց Գանյան, գլխարկը ձեռքին բռնած, ճմլկոտալով ու հորանջելով,— բա որ ամբողջ ամիս այսպիսի երաշտ լինի՜... Գնո՞ւմ ենք, թե չէ, Պտիցին։
 
Իպոլիտը ականջ էր դնում ապշության հասնող զարմանքով. հանկարծ նա սարսափելի գունատվեց և, ամբողջովին ցնցվեց։
 
— Դուք շատ ապաշնորհ եք ձևացնում ձեր անտարբերությունը, որպեսզի ինձ վիրավորեք,— խոսքն ուղղեց նա Գանյային, շեշտակի նայելով նրան,— դուք սրիկա՛ եք։
 
— Դե, սա արդեն սատանան գիտի, թե ինչ է, կոճակներն այդպես արձակե՜լ,— պոռաց Ֆերդիշչենկոն,— սա ի՞նչ ֆենոմենալ վատուժությո՜ւն է։
 
— Ուղղակի հիմար է,— ասաց Գանյան։
 
Իպոլիտը փոքր֊ինչ հավաքեց ինքն իրեն։
 
— Ես հասկանում եմ, պարոնայք,— սկսեց նա, առաջվա պես դողալով ու դեմ ընկնելով ամեն բառին,— որ կարող էի արժանանալ ձեր անձնական վրիժառությանը, և․․․ ափսոսում եմ, որ ձեզ տանջեցի այդ զառանցանքով (նա ցույց տվեց ձեռագիրը), բայց, ասենք, ափսոսում եմ, որ ամբողջովին չտանջեցի... (նա հիմարավուն ժպտաց), տանջեցի՞, Եվգենի Պավլովիչ,— հանկարծ նրան դիմեց նա իր հարցով,— տանջեցի՞, թե ոչ։ Ասացեք։
 
— Ձգձգված է մի քիչ, բայց և այնպես...
 
— Ասացեք ամեն ինչ։ Մի ստեք գեթ մի անգամ ձեր կյանքում,— դողում ու հրամայում էր Իպոլիտը։
 
— Օ, ինձ համար բոլորովին մեկ է։ Շնորհ արեք, խնդրեմ, հանգիստ թողնել ինձ,— զզվանքով մի կողմ շրջվեց Եվգենի Պավլովիչը։
 
— Բարի գիշեր, իշխան,— իշխանին մոտեցավ Պտիցինը։
 
— Նա հիմա ինքնասպանություն կգործի, այդ ի՜նչ եք անում։ Նայեցեք նրան,— բղավեց Վերան և սաստիկ վախեցած նետվեց դեպի Իպոլիտը և նույնիսկ բռնեց նրա ձեռքը,— ախր նա ասաց, որ արևածագին ինքնասպանություն կգործի, դուք ի՜նչ եք անում։
 
— Չի՜ գործի,— չարախնդությամբ մրթմրթացին մի քանի ձայներ, այդ թվում Գանյան։
 
— Պարոնայք, զգուշացեք,— բղավեց Կոլյան, նույնպես բռնելով Իպոլիտի ձեռքը,— դուք միայն նայեցեք նրան։ Իշխա՜ն։ Իշխա՜ն։ Ի՜նչ եք կանգնել։
 
Իպոլիտի շուրջը խմբվեցին Վերան, Կոլյան, Կելլերը և Բուրդովսկին. բոլոր չորսը ձեռներով բռնեցին նրան։
 
— Նա իրավունք ունի, իրավո՜ւնք...— մրթմրթում էր Բուրդովսկին, ի դեպ, նույնպես բոլորովին ինքն իրեն կորցրած։
 
— Թույլ տվեք, իշխան, ի՞նչ կարգադրություն կանեք,— իշխանին մոտեցավ Լեբեդևը հարբած և լկտիության աստիճան չարացած։
 
— Ի՞նչ կարգադրություններ։
 
— Ո՛չ, թույլ տվեք, ես եմ տանտերը, թեև չեմ ուզում անտեսել հարգանքս դեպի ձեզ։ Ենթադրենք, որ դուք էլ տանտեր եք, բայց ես չեմ ուզում, որ իմ սեփական տան մեջ այսպես... Այսպե՛ս։
 
— Ինքնասպանություն չի գործի, գժություն է անում անպիտան տղան,— զայրույթով ու ապլոմբով անսպասելիորեն բղավեց գեներալ Իվոլգինը։
 
— Այ քեզ գեներա՜լ,— վրա բերեց Ֆերդիշչենկոն։
 
— Գիտեմ որ չի գործի, գեներալ, մեծարգո գեներալ, բայց և այնպես... որովհետև ես տանտերն եմ։
 
— Լսեցեք, պարոն Տերենտև,— ասաց հանկարծ Պտիցինը, հրաժեշտ տալով իշխանին և ձեռքը մեկնելով Իպոլիտին,— դուք, կարծեմ, ձեր տետրակում խոսում եք ձեր կմախքի մասին և այն կտակում եք ակադեմիայի՞ն։ Այդ դուք ձեր կմախքի՞, ձեր սեփակա՞ն, այսինքն՝ ձեր ոսկորնե՞րն եք կտակում։
 
— Այո, իմ ոսկորները...
 
— Բանն էլ հենց այդ է։ Թե չէ ախր կարելի է սխալվել. ասում են, արդեն եղել է այդպիսի դեպք։
 
— Ի՜նչ եք ծաղրում նրան,— հանկարծ գոչեց իշխանը։
 
— Մինչև իսկ լացացրիք,— ավելացրեց Ֆերդիշչենկոն։
 
Բայց Իպոլիտը բոլորովին էլ չէր լալիս։ Նա տեղից շարժվեց, բայց նրան շրջապատած չորս հոգին հանկարծ միանգամից բռնեցին նրա ձեռքերը։ Լսվեց ծիծաղ։
 
— Հենց այնպես էլ անում էր, որ ձեռքերը բռնեն, դրա համար էլ կարդաց տետրակը,— նկատեց Ռոգոժինը։— Մնաս բարով, իշխան։ Էխ, ինչքան նստեցինք. ոսկորներս ցավեցին։
 
— Եթե իրոք ուզում էիք ինքնասպանություն գործել, Տերենտև,— ծիծաղեց Եվգենի Պավլովիչը,— ապա ձեր տեղը լինեի, այսպիսի հաճոյախոսություններից հետո դիտմամբ չէի գործի, որպեսզի նրանց ձեռք առնեի։
 
— Նրանք շատ են ուզում տեսնել, թե ես ինչպես ինքնասպան կլինեմ,— նրա վրա պրծավ Իպոլիտը։
 
Նա խոսում էր կարծես հարձակվելով։
 
— Նրանք չարանում են, որ չեն տեսնի։
 
— Ուրեմն դո՞ւք էլ կարծում եք, որ չեն տեսնի։
 
— Ես ձեզ չեմ հրահրում. ես, ընդհակառակը, կարծում եմ, շատ հնարավոր է, որ կգործեք ինքնասպանություն։ Գլխավորը, մի բարկացեք,— ծոր տվեց Եվգենի Պավլովիչը, հովանավորող տոնով ձգելով իր բառերը։
 
— Ես միայն հիմա եմ տեսնում, որ սարսափելի սխալ գործեցի, նրանց համար կարդալով այս տետրը,— ասաց Իպոլիտը, հանկարծ այնպիսի դյուրահավատոէթյամբ նայելով Եվգենի Պավլովիչին, որ կարծես ընկերոջից բարեկամական խորհուրդ էր խնդրում։
 
— Ծիծաղաշարժ դրություն է, բայց... իսկապես, չգիտեմ ինչ խորհուրդ տամ ձեզ,— ժպտալով պատասխանեց Եվգենի Պավլովիչը։
 
Իպոլիտը խստահայաց, շեշտակի նայում էր նրան, առանց աչքը կտրելու, և լռում էր։ Կարելի էր կարծել, որ ժամանակ առ ժամանակ նա բոլորովին ինքնամոռացության գիրկն էր ընկնում։
 
— Ո՛չ, թո՛ւյլ տվեք, ախր ձևը ինչպիսի՜ ձև է,— խոսեց Լեբեդևը,— «ինքնասպանություն կգործեմ, այսինքն, զբոսայգում, որպեսզի ոչ ոքի չանհանգստացնե՜մ»։ Այդ նա կարծում է, թե ոչ ոքի չի անհանգստացնի, եթե սանդուղքից երեք աստիճան ցած իջնի այգի։
 
— Պարոնայք...— սկսեց իշխանը։
 
—- Ոչ, թույլ տվեք, մեծարգո իշխան,— կատաղորեն կպավ Լեբեդևը,— քանի որ դուք ինքներդ բարեհաճում եք տեսնել, որ սա կատակ չէ, և քանի որ ձեր հյուրերի առնվազն կեսը նույն կարծիքին է, և համոզված են, որ հիմա, այստեղ արտասանած խոսքերից հետո, նա անպայման պետք է ինքնասպանություն գործի պատվից դրդված, ապա ես տանտեր եմ և վկաների ներկայությամբ հայտարարում եմ, որ ձեզ հրավիրում եմ օժանդակելու։
 
— Իսկ ի՞նչ է հարկավոր անել, Լեբեդև։ Ես պատրաստ եմ ձեզ օժանդակելու։
 
— Ահա թե ինչ. նախ և առաջ, որ նա անմիջապես հանձնի իր ատրճանակը, որով նա պարծենում էր մեր առաջ, իր բոլոր պարագայքով հանդերձ։ Եթե հանձնի, ապա ես համաձայն եմ, որ նրան թույլ տրվի այս գիշեր այս տանը գիշերել, նկատի ունենալով նրա հիվանդագին վիճակը, պայմանով միայն, որ իմ հսկողության տակ լինի։ Բայց վաղը թող անպայման գնա ուր որ կամենա, ներեցեք, իշխան։ Իսկ եթե զենքը չի հանձնի, ապա ես անմիջապես, հենց հիմա, բռնում եմ նրա ձեռքերը, մեկը՝ ես, մյուսը՝ գեներալը, և անմիջապես մարդ կուղարկեմ ոստիկանությանն իմաց տալու, և այն ժամանակ արդեն գործը կանցնի ոստիկանության հայեցողությանը։ Պարոն Ֆերդիշչենկոն, իբրև ծանոթ, կգնա։
 
Աղմուկ բարձրացավ. Լեբեդևը տաքանում և արդեն չափն անց էր կացնում, Ֆերդիշչենկոն պատրաստվեց ոստիկանատուն գնալու, Գանյան մոլեգնորեն պնդում էր, որ ոչ ոք ինքնասպանություն չի գործի, Եվգենի Պավլովիչը լռում էր։
 
— Իշխան, երբևէ զանգակատնից ցած գլորվե՞լ եք,— հանկարծ նրան շշնջաց Իպոլիտը։
 
— Ո֊ոչ...— միամտորեն պատասխանեց իշխանը։
 
— Մի՞թե կարծում եք, թե ես չէի նախատեսում այս ամբողջ ատելությունը,— նորից շշնջաց Իպոլիտը, աչքերը պսպղացնելով և նայելով իշխանին, կարծես իսկապես էլ նրանից պատասխան էր սպասում։— Բավական է,— բղավեց նա հանկարծ ամբողջ հասարակության վրա,— ես մեղավոր եմ... բոլորից ավելի՜։ Լեբեդև, ահա բանալին (նա հանեց դրամապանակը և նրա միջից մի պողպատե օղակ երեք թե չորս փոքրիկ բանալիներով), ահա սա է, նախավերջինը... Կոլյան ձեզ ցույց կտա... Կո՜լյա։ Ո՞ւր է Կոլյան,— բղավեց նա Կոլյային նայելով ու չտեսնելով նրան,— այո... ահա նա ձեզ ցույց կտա. նա քիչ առաջ ինձ հետ էր դասավորում պայուսակը... այս փոքրիկ բանալիով, ցածր, փոքրիկ սնդուկում է... իմ ատրճանակն ու վառոդով եղջյուրը։ Այն ժամանակ նա ինքը դասավորեց, պարոն Լեբեդև, նա ձեզ ցույց կտա, բայց պայմանով, որ վաղն առավոտյան, երբ ես Պետերբուրգ մեկնեմ, ետ տաք ատրճանակս։ Լսո՞ւմ եք, սա ես անում եմ իշխանի համար, ոչ թե ձեզ համար։
 
— Այ այսպես ավելի լա՜վ է,— բանալին չանթեց Լեբեդևը և, թունոտ քմծիծաղ տալով, վազեց հարևան սենյակը։
 
Կոլյան կանգ առավ, ուզեց մի բան ասել, բայց Լեբեդևը նրան քարշ տվեց իր հետևից։
 
Իպոլիտը նայում էր ծիծաղող հյուրերին, իշխանը նկատեց, որ նրա ատամները կափկափում են, ինչպես ամենասաստիկ դողի ժամանակ։
 
— Ինչպիսի՜ անպիտաններն են նրանք բոլորը,— նորից կատաղած շշնջաց Իպոլիտը իշխանին։ Երբ նա խոսում էր իշխանի հետ, շարունակ թեքվում ու շշնջում էր։
 
— Թողեք նրանց, դուք շատ թույլ եք...
 
— Հիմա, հիմա... հիմա կգնամ։
 
Հանկարծ նա գրկեց իշխանին։
 
— Դուք գուցե գտնում եք, որ ես խելագա՞ր եմ,— նայեց նա իշխանին, տարօրինակ ծիծաղելով։
 
— Ոչ, բայց դուք...
 
— Հիմա, հիմա, լռեցեք, ոչինչ մի ասեք, կացեք... ես ուզում եմ նայել ձեր աչքերին... կանգնեք այդպես, ես կնայեմ։ Ես հրաժեշտ կտամ Մարդուն։
 
նա կանգնել և անշարժ ու լուռ նայում էր իշխանին մոտ տասը վայրկյան, խիստ գունատ, քրտինքից թրջված քունքերով և մի տեսակ տարօրինակ ձևով բռնած իշխանի ձեռքը, ասես վախենալով բաց թողնել։
 
— Իպոլիտ, Իպոլիտ, ձեզ ի՞նչ է պատահել,— գոչեց իշխանը։
 
— Հիմա... բավական է... ես կպառկեմ։ Ես արևի կենացը կխմեմ մի կում... ես ուզում եմ, ես ուզում եմ, թողե՜ք։
 
Նա սեղանից արագ վերցրեց բաժակը, պոկվեց տեղից և մի ակնթարթում մոտեցավ պատշգամբի ելքին։ Իշխանը վազեց նրա հետևից, բայց այնպես պատահեց, որ հենց այդ ակնթարթին Եվգենի Պավլովիչը ձեռքը մեկնեց նրան հրաժեշտ տալով։ Անցավ մի վայրկյան, և հանկարծ ընդհանուր աղաղակ լսվեց պատշգամբում։ Ապա վրա հասավ արտասովոր իրարանցման մի րոպե։
 
Ահա թե ինչ պատահեց.
 
Ընդհուպ մոտենալով պատշգամբի ելքին, Իպոլիտը կանգ առավ, ձախ ձեռքում բռնած բաժակը և աջ ձեռքը տանելով վերարկուի աջ գրպանը։ Կելլերը հետո հավատացնում էր, որ դեռ առաջ էլ Իպոլիտը այդ ձեռքը շարունակ գրպանում էր պահում, երբ դեռ խոսում էր իշխանի հետ և ձախ ձեռքով բռնում էր նրա ուսը և օձիքը, և որ հենց գրպանում պահած այդ աջ ձեռքն էր, հավատացնում էր Կելլերը, որ իբր նրա մեջ ծնեց առաջին կասկածը։ Ինչ էլ որ լիներ, բայց որոշ անհանգստություն նրան էլ հարկադրել էր վազել Իպոլիտի հետևից։ Բայց նա էլ չէր հասցրել։ Նա միայն տեսել էր, թե ինչպես Իպոլիտի աջ ձեռքում մի բան էր փայլել և ինչպես հենց այդ վայրկյանին գրպանի մի փոքրիկ ատրճանակ հայտնվել էր ուղիղ նրա քունքի մոտ։ Կելլերը նետվել էր բռնելու նրա ձեռքը, բայց հենց նույն վայրկյանին Իպոլիտը իջեցրել էր հրահանը։ Լսվեց հրահանի կտրուկ, չոր ճրթոցը, բայց կրակոց չհաջորդեց։ Երբ Կելլերը գրկեց Իպոլիտին, սա ընկավ նրա ձեռներին, կարծես անզգա, գուցե իրոք երևակայելով, թե ինքն արգեն սպանված է։ Ատրճանակն արդեն Կելլերի ձեռքին էր։ Իպոլիտին բռնեցին, տակը աթոռ դրին, նստեցրին նրան, և բոլորը խմբվեցին շուրջը, բոլորը բղավում էին, բոլորը հարցնում։ Բոլորը լսել էին հրահանի ճրթոցը և տեսնում էին մարդուն ողջ, նույնիսկ առանց չանգռվածքի։ Իպոլիտն ինքը նստել էր առանց հասկանալու, թե ինչ է կատարվում, և շուրջը բոլորին նայում էր անիմաստ հայացքով։ Լեբեդևն ու Կոլյան ներս վազեցին այդ ակնթարթին։
 
— Չբացվե՞ց,— հարցնում էին իրար։
 
— Գուցե չի՞ էլ լցրած,— գլխի էին ընկնում ուրիշները։
 
— Լցրա՜ծ է,— հայտարարեց Կելլերը, զննելով ատրճանակը,— բայց...
 
— Մի՞թե չբացվեց։
 
— Հրապատիճ բոլորովին չի եղել,— ազդարարեց Կելլերը։
 
Նույնիսկ դժվար է պատմել հաջորդած խղճուկ պատկերը։ Նախնական և ընդհանուր վախը արագ սկսեց փոխվել ծիծաղի. մի քանիսը նույնիսկ քրքջացին, դրանում գտնում էին չարախինդ հաճույք։ Իպոլիտը հոնգուր-հոնգուր լալիս էր հիստերիկայի մեջ ընկած, ձեռներն էր կոտրատում, նետվում էր դեպի ամենքը, նույնիսկ դեպի Ֆերդիշչենկոն, բռնեց նրան երկու ձեռքով և երդվում էր նրան, որ ինքը մոռացել է հրապատիճ դնելը, «մոռացել է բոլորովին պատահմամբ, այլ ոչ թե դիտմամբ», որ «այդ հրապատիճները բոլորը այստեղ են, իր ժիլետի գրպանում, մի տասը հատ» (նա ցույց էր տալիս շուրջը բոլորին), որ նա առաջուց չէր դրել, վախենալով գրպանում պատահաբար բացվելուց, թե հույս ուներ, որ միշտ կհասցնի դնել, երբ պետք լինի և հանկարծ մոռացավ։ Նա նետվում էր դեպի իշխանը, դեպի Եվգենի Պավլովիչը, աղաչում էր Կելլերին, որ ետ տան ատրճանակը, որ նա հիմա բոլորին կապացուցի, որ «իր պատիվը, պատիվը...», որ հիմա ինքը «պատվազրկված է առհավե՜տ...»։
 
Վերջապես նա իրոք ընկավ ուշագնաց։ Նրան տարան իշխանի առանձնասենյակը, և բոլորովին զգաստացած Լեբեդևը անմիջապես ուղարկեց բժշկի հետևից, իսկ ինքը աղջկա, տղայի, Բուրդովսկու և գեներալի հետ մնաց հիվանդի անկողնու մոտ։ Երբ անզգա Իպոլիտին դուրս տարան, Կելլերը կանգնեց սենյակի մեջտեղը և հայտարարեց ի լուր ամենքի, զատելով ու շեշտելով ամեն մի բառը, կատարյալ ոգեշնչմամբ.
 
— Պարոնայք, եթե ձեզնից որևէ մեկը մի անգամ էլ բարձրաձայն իմ ներկայությամբ կասկած հայտնի, որ նրա պատիճը մոռացված էր դիտմամբ, և պնդի, որ դժբախտ երիտասարդը միայն կատակերգություն էր խաղում, ապա այդպիսին գործ կունենա ինձ հետ։
 
Բայց նրան չէին պատասխանում։ Վերջապես հյուրերը ցրվեցին խմբովին ու շտապելով։ Պտիցինը, Գանյան և Ռոգոժինը գնացին միասին։
 
Իշխանը շատ զարմացած էր, որ Եվգենի Պավլովիչը փոխել է իր մտադրությունը և գնում է առանց բացատրվելու։
 
— Չէ՞ որ դուք ուզում էիք ինձ հետ խոսել, երբ բոլորը ցրվեին,— հարցրեց նա։
 
— Ճիշտ այդպես,— ասաց Եվգենի Պավլովիչը, հանկարծ նստելով աթոռին և իշխանին նստեցնելով իր կողքին, բայց հիմա ես առժամանակ փոխեցի մտադրությունս։ Խոստովանում եմ ձեզ, որ ես մի քիչ շփոթված եմ, ասենք, դուք նույնպես։ Իմ մտքերը խառնվեցին, բացի այդ, այն, ինչի մասին ուզում եմ բացատրվել ձեզ հետ, ինձ համար չափազանց կարևոր բան է, ասենք, ձեզ համար նույնպես։ Գիտե՞ք ինչ, իշխան, կյանքումս գեթ մի անգամ ուզում եմ բոլորովին ազնիվ գործ անել, այսինքն՝ բոլորովին առանց հետին մտքի, իսկ ես կարծում եմ, որ հիմա, այս րոպեիս, այնքան էլ ընդունակ չեմ միանգամայն ազնիվ գործի, ասենք, թերևս դուք նույնպես... ապա... և... դե, մենք հետո կբացատրվենք։ Գուցե, գործն էլ կշահի պարզության տեսակետից, թե ինձ, թե ձեզ համար, եթե սպասենք այն երեք օրը, որ հիմա կլինեմ Պետերբուրգում։
 
Այստեղ նա դարձյալ վեր կացավ աթոռից, այնպես որ նույնիսկ տարօրինակ էր, թե էլ ինչու նստեց։ Իշխանին թվաց նաև, որ Եվգենի Պավլովիչը դժգոհ ու գրգռված է և նայում է թշնամաբար, որ նրա հայացքը բոլորովին այն չէ, ինչ քիչ առաջ։
 
— Ի դեպ, դուք հիմա տառապյալի մո՞տ եք գնում։
 
— Այո... ես վախենում եմ,— ասաց իշխանը։
 
— Մի վախեցեք, հավանաբար կապրի մի վեց շաբաթ և նույնիսկ, կարող է պատահել, այստեղ դեռ կկազդուրվի էլ։ Իսկ ամենից լավն է, վռնդեցեք նրան վաղը։
 
— Գուցե ճի՞շտ որ ես նրան մղեցի այդ քայլին նրանով, որ... ոչինչ չէի ասում, գուցե նա մտածեց, թե ե՞ս էլ կասկածում եմ, որ ինքնասպանություն չի գործի։ Ի՞նչ եք կարծում, Եվգենի Պավլովիչ։
 
— Չէ֊չէ՜։ Դուք չափազանց բարի եք, որ դեռ հոգում եք։ Ես լսել եմ այդ մասին, բայց երբեք կյանքում չեմ տեսել, թե մարդ ինչպես դիտմամբ ինքնասպանություն է գործում, որ իրեն գովեն, կամ չարությունից, որ իրեն չեն գովում դրա համար։ Գլխավորը, վատուժության այդ անկեղծությանը չէի հավատա։ Իսկ դուք համենայն դեպս նրան վռնդեցեք վաղը։
 
— Դուք կարծում եք նա մի անգա՞մ էլ ինքնասպանություն կգործի։
 
— Ոչ, հիմա արդեն չի գործի։ Բայց զգուշացեք մեր այդ տնաբույծ Լասեներներից։ Կրկնում եմ ձեզ, հանցագործությունը չափազանց սովորական ապաստանն է այդ ապաշնորհ, անհամբեր ու ագահ ոչնչության։
 
— Մի՞թե սա Լասեներ է։
 
— Էությունը նույնն է, թեև կարող է պատահել, որ տարբեր ամպլուաներ են։ Կտեսնեք, թե այդ պարոնը ընդունակ չէ սպանել տասը հոգի, իսկն ասած միմիայն «կատակի» համար, ճիշտ և ճիշտ ինչպես ինքը քիչ առաջ կարդաց մեզ բացատրության մեջ։ Հիմա նրա այդ խոսքերը չեն թողնի, որ քնեմ։
 
— Դուք գուցե չափից ավելի եք անհանգստանում։
 
— Դուք զարմանալի եք, իշխան, չե՞ք հավատում, որ նա ''հիմա'' ընդունակ է սպանելու տասը հոգի։
 
— Ես վախենում եմ ձեզ պատասխանել, այդ բոլորը շատ տարօրինակ է, բայց...
 
— Դե, ինչպես կուզեք, ինչպես կուզեք,— գրգռված ավարտեց Եվգենի Պավլովիչը,— ըստ որում դուք այնպես խիզախ մարդ եք. միայն թե ինքներդ չընկնեք այդ տասի մեջ։
 
— Ամենից հավանական է, որ նա ոչ ոքի չի սպանի,— ասաց իշխանը մտախոհ նայելով Եվգենի Պավլովիչին։
 
Սա չար ծիծաղեց։
 
— Ցտեսություն, ժամանա՜կն է։ Իսկ դուք նկատեցի՞ք, որ նա իր «Խոստովանության» պատճենը կտակել է Ագլայա Իվանովնային։
 
— Այո, նկատեցի և... մտածում եմ այդ մասին։
 
— Դե, տեսեք հա՜, տասը հոգու դեպքում,— նորից ծիծաղեց Եվգենի Պավլովիչը և դուրս եկավ։
 
Մի ժամ անց, արդեն չորսին մոտ, իշխանը իջավ այգի։ Նա փորձեց քնել տանը, բայց չէր կարող, սրտի ուժգին բաբախումից։ Տանը, սակայն, ամեն ինչ կարգավորված էր և ըստ հնարավորին հանդարտեցված. հիվանդը քնել էր, և ժամանած բժիշկը հայտարարեց, որ ոչ մի առանձին վտանգ չկա։ Լեբեդևը, Կոլյան, Բուրդովսկին քնեցին հիվանդի սենյակում, որպեսզի հերթապահություն անեին, նշանակում է, երկյուղելու բան չկար։
 
Բայց իշխանի անհանգստությունը րոպե առ րոպե աճում էր։ Նա թափառում էր այգում, մտացրիվ նայելով շուրջը, և զարմանքով կանգ առավ, երբ հասավ կայարանի առջևի հրապարակին և տեսավ դատարկ նստարանների ու գրակալների շարքը նվագախմբի համար։ Նրան ապշեցրեց այդ տեղը և չգիտես ինչու թվաց սարսափելի այլանդակ։ Նա ետ դարձավ և ուղիղ այն ճանապարհով, որով երեկ Եպանչինների հետ կայարան էր գնացել, հասավ մինչև կանաչ նստարանը, որտեղ նրան տեսակցություն էր նշանակված, նստեց նստարանին և հանկարծ բարձրաձայն ծիծաղեց, որից անմիջապես սաստիկ զայրացավ։ Նրա թախիծը շարունակվում էր, նա ուզում էր որևէ տեղ գնալ... չգիտեր, թե ուր։ Նրա գլխավերևում ծառի վրա երգում էր մի թռչնակ, և իշխանն սկսեց աչքերով որոնել նրան տերևների մեջ. հանկարծ թռչնակը թռավ ծառից, և նույն րոպեին չգիտես ինչու իշխանի միտն եկավ այն «մժղուկը» «արևի տաք ճառագայթների մեջ», որի մասին գրում էր Իպոլիտը, թե «նա էլ գիտի իր տեղը և մասնակից է ընդհանուր խմբերգին, իսկ մենակ ինքն է վիժվածք»։ Այս նախադասությունը նրան զարմացրել էր դեռ այն ժամանակ, նա հիմա հիշեց այդ։ Մի վաղուց մոռացված հիշողություն խլրտաց նրա մեջ և հանկարծ միանգամից պարզվեց։
 
Դա Շվեյցարիայում էր, նրա բուժման առաջին տարին, նույնիսկ առաջին ամիսները։ Այն ժամանակ նա դեռ բոլորովին ապուշի պես էր, նույնիսկ լավ խոսել չէր կարողանում, երբեմն չէր կարողանում հասկանալ, թե ինչ են պահանջում իրենից։ Նա մի անգամ գնաց լեռները, մի պայծառ, արևոտ օր, և երկար շրջում էր գլխում մի տանջալից միտք, որը, սակայն, ոչ մի կերպ չէր մարմնավորվում։ Նրա առաջ փայլուն երկինքն էր, ցածում լիճը, շուրջը լուսավոր ու անծայրածիր հորիզոնը, որը վերջ ու վախճան չունի։ Նա երկար նայում ու տանջվում էր։ Նա հիմա հիշեց, թե ինչպես ինքը տարածել էր ձեռքերը դեպի այդ լուսավոր, անծայրածիր կապույտը և լալիս էր։ Նրան տանջում էր այն, որ ինքը այդ ամենին բոլորովին օտար է։ Այդ ի՞նչ խնջույք է, այդ ի՞նչ մշտական մեծ տոն է, որ վերջ չունի և դեպի որը վաղուց, միշտ, բուն մանկությունից ձգտում է նա և որին ոչ մի կերպ չի կարողանում միանալ։ Ամեն առավոտ ծագում է նույնպիսի պայծառ արև, ամեն առավոտ ջրվեժի վրա ծիածան է կապում, ամեն իրիկուն ձյունածածկ, ամենաբարձր սարը, այնտեղ, հեռվում։ երկնքի ծայրում վառվում է ծիածանի բոցով, ամեն մի «փոքրիկ մժղուկ, որը տզտզում է նրա մոտ արևի տաք ճառագայթի մեջ, այդ ամբողջ խմբերգին մասնակից է, իր տեղը գիտի, սիրում է այն ու երջանիկ է», ամեն մի ծիլ աճում է ու երջանի՜կ է։ Եվ ամեն ինչ իր ճանապարհն ունի, և ամեն ինչ գիտի իր ճանապարհը, երգով է հեռանում և երգով է աշխարհ գալիս. միայն ինքը ոչինչ չգիտի, ոչինչ չի հասկանում, ոչ մարդկանց, ոչ հնչյունները, ամեն ինչին օտար է ու վիժվածք։ Օ, իհարկե, նա այն ժամանակ չէր կարող խոսել այս բառերով և արտահայտել իր հարցը, նա տանջվում էր խուլ ու համր, բայց հիմա նրան թվում էր, որ նա այս ամենն ասում էր և այն ժամանակ, հենց բոլոր այս խոսքերը, և որ այդ «մժղուկի» մասին էլ Իպոլիտը հենց նրանից է վերցրել, նրա այն ժամանակվա խոսքերից ու արցունքներից։ Նա դրանում համոզված էր, և չգիտես ինչու նրա սիրտը բաբախում էր այդ մտքից...
 
Նա նիրհեց նստարանին նստած, բայց նրա տագնապը շարունակվում էր նաև քնի մեջ։ Քնից անմիջապես առաջ նա հիշեց, որ Իպոլիտը տասը հոգի կսպանի և քմծիծաղ տվեց այդ ենթադրության անհեթեթության վրա։ Նրա շուրջը տիրում էր սքանչելի, պայծառ լռություն, լոկ տերևներն էին սոսափում, որից, կարծես, շուրջը դառնում էր ավելի լռիկ ու մեկուսի։ Նա շատ երազներ տեսավ, բոլորը տագնապալի, որոնցից նա րոպեն մեկ ցնցվում էր։ Վերջապես նրա մոտ մի կին եկավ, նա ճանաչում էր այդ կնոջը, ճանաչում տանջալիորեն, նա միշտ կարող էր նրա անունը տալ ու նշել, բայց տարօրինակ բան, հիմա կարծես նրա դեմքը բոլորովին այն չէր, ինչպես նա գիտեր միշտ, և նա տանջալիորեն չէր ուզում սրան այն կնոջ տեղը դնել։ Այդ դեմքին այնքան զղջում ու սարսափ կար, որ թվում էր, նա սարսափելի ոճրագործուհի էր և հենց նոր մի սարսափելի ոճիր էր գործել։ Արցունքը դողում էր նրա դալուկ այտին, նա ձեռքով կանչեց իշխանին և մատը դրեց շրթունքներին, կարծես զգուշացնելով, որ նա լուռ հետևի իրեն։ Իշխանի սիրտը նվաղեց, նա ոչ մի, ոչ մի գնով չէր ուզում նրան ոճրագործի տեղ դնել, բայց զգում էր, որ հենց հիմա տեղի կունենա մի սարսափելի բան, որը կմնա իր ամբողջ կյանքում։ Այդ կինը, կարծես, նրան ուզում էր մի բան ցույց տալ մոտիկում, հենց այդտեղ՝ այգում։ Իշխանը վեր կացավ, որպեսզի հետևեր նրան, և հանկարծ նրա կողքին հնչեց մեկի պայծառ, թարմ ծիծաղը, մեկի ձեռքը հանկարծ հայտնվեց նրա ձեռքում, նա բռնեց այդ ձեռքը, ամուր սեղմեց ու արթնացավ։ Նրա առաջ կանգնել ու բարձրաձայն ծիծաղում էր Ագլայան։
=== VIII ===
 
Նա ծիծաղումէ բայց և զայրանում էր։
 
— Քնե՜լ է։ Դուք քնե՞լ էիք,— բացականչեց նա արհամարհական զարմանքով։
 
— Այդ դո՜ւք եք,— մրթմրթաց իշխանը, դեռ լիովին ուշքի չեկած և զարմացած ճանաչելով նրանախ, հա՞։ Այդ տեսակցությունը... Ես այստեղ քնել էի։
 
— Տեսա։
 
— Ինձ ո՞չ ոք չի արթնացրել, բացի ձեզանից։ Բացի ձեզանից այստեղ ո՞չ ոք չի եղել։ Ես կարծում էի, այստեղ եղել է... մի ուրիշ կին...
 
— Այստեղ եղել է մի ուրիշ կին...
 
Վերջապես նա բոլորովին սթափվեց։
 
— Դա լոկ երազ էր,— մտախոհ ասաց նա,— տարօրինակ է, որ մի այսպիսի րոպե այսպիսի երազ... նստեցեք։
 
Նա բռնեց Ագլայայի ձեռքից ու նստեցրեց նստարանին. ինքը նստեց նրա կողքին ու մտածմունքի մեջ ընկավ։ Ագլայան խոսակցություն չէր սկսում, այլ միայն ուշադիր զննում էր իր զրուցակցին։ Սա էլ նայում էր Ագլայային, բայց երբեմն այնպես, կարծես թե բոլորովին չտեսնելով նրան իր առջև։ Ագլայան սկսեց շիկնել։
 
— Ախ, հա,— ցնցվեց իշխանը,— Իպոլիտը ինքնասպանություն գործեց։
 
— Ե՞րբ։ Ձեր տա՞նը,— հարցրեց Ագլայան, բայց առանց մեծ զարմանքի։— Չէ՞ որ կարծեմ երեկ երեկոյան նա դեռ ողջ էր։ Հապա ինչպե՞ս կարող էիք այստեղ քնել այդ բոլորից հետո,— ճչաց նա, հանկարծ աշխուժանալով։
 
— Ախր նա չմեռավ, ատրճանակը չկրակեց։
 
Ագլայայի պնդմամբ իշխանը պետք է իսկույն և նույնիսկ մեծ մանրամասնությամբ պատմեր անցած գիշերվա ամբողջ պատմությունը։ Նա րոպեն մեկ շտապեցնում էր նրա պատմությունը, բայց հենց ինքն էլ ընդհատում էր անընդհատ և միշտ կողմնակի հարցերով։ Ի միջի այլոց, նա մեծ հետաքրքրությամբ լսեց այն, թե ինչ էր ասել Եվգենի Պավլովիչը, և նույնիսկ մի քանի անգամ կրկին հարցրեց։
 
— Դե բավական է, պետք է շաապել,— եզրափակեց նա, ամեն ինչ լսելուց հետո,— ընդամենը մի ժամ ենք լինելու այստեղ, մինչև ժամը ութը, որովհետև ժամը ութին անպայման պետք է տանը լինեմ, որպեսզի չիմանան, թե այստեղ նստած եմ եղել, իսկ ես գործով եմ եկել, ես պետք է շատ բաներ հայտնեմ ձեզ։ Միայն դուք հիմա ինձ բոլորովին շեղեցիք։ Իպոլիտի մասին ես կարծում եմ, որ նրա ատրճանակը այդպես էլ չպետք է կրակեր, դա նրան ավելի է սազում։ Բայց դուք համողվա՞ծ եք, որ նա անպայման ուզում էր ինքնասպան լինել և այստեղ խաբեություն չկար։
 
— Ո՜չ մի խաբեություն։
 
— Եվ դա ավելի հավանական է։ Նա այդպես էլ գրե՞լ էր, որ ինձ բերեիք նրա «Խոստովանությունը»։ Հապա ինչո՞ւ չբերեցիք։
 
— Բայց չէ՞ որ նա չմեռավ։ Ես նրան կհարցնեմ։
 
— Անպայման բերեք, և կարիք չկա հարցնելու։ Հավանաբար դա նրա համար շատ հաճելի կլինի, որովհետև գուցե նա հենց այն նպատակով էր ինքնասպանություն գործում, որ հետո ես խոստովանությունը կարդայի։ Խնդրում եմ, մի ծիծաղեք իմ խոսքերի վրա, Լև Նիկոլաևիչ, որովհետև դա շատ կարող է այդպես լինել։
 
— Ես չեմ ծիծաղում, որովհետև ինքս էլ համոզված եմ, որ դա մասամբ շատ կարող է այդպես լինել։
 
— Համոզվա՞ծ եք։ Մի՞թե դուք էլ եք այդպես կարծում,— հանկարծ սաստիկ զարմացավ Ագլայան։
 
Նա հարցնում էր հապճեպ, խոսում էր արագ, բայց կարծես երբեմն շփոթվում էր և հաճախ կիսատ էր թողնում, րոպեն մեկ շտապում էր ինչ֊որ բանի մասին նախազգուշացնել, առհասարակ նա արտասովոր տագնապի մեջ էր ու չնայած նայում էր շատ խիզախ ու ինչ֊որ մարտահրավերով, բայց, գուցե, մի քիչ էլ վախենում էր։ Նրա հագին ամենասովորական, հասարակ զգեստ էր, որը նրան շատ էր սազում։ Նա հաճախ ցնցվում էր, շիկնում և նստել էր նստարանի ծայրին։ Իշխանի հաստատումը, թե Իպոլիտը ինքնասպանություն էր գործում, որ Ագլայան կարդա նրա «Խոստովանությունը», շատ զարմացրեց նրան։
 
— Իհարկե,— բացատրեց իշխանը,— նա ուզում էր, որ բացի ձեզանից, մենք բոլորս էլ գովեինք նրան։
 
— Այդ ինչպե՞ս գովեիք։
 
— Այսինքն, դա... ինչպե՞ս ասեմ ձեզ։ Դա շատ դժվար է ասել։ Միայն, հավանաբար, նա ուզում էր, որ բոլորը շրշապատեին նրան և ասեին, որ նրան շատ են սիրում ու հարգում և բոլորը շատ խնդրեին, որ նա ողջ մնա։ Շատ կարող է պատահել, որ ամենից ավելի նա ձեզ նկատի ուներ, որովհետև մի այդպիսի րոպեի ձեզ էր հիշատակել... թեև, գուցե, ինքն էլ չգիտեր, որ ձեզ նկատի ունի։
 
— Այդ արդեն ես բոլորովին չեմ հասկանում, նկատի ուներ և չգիտեր, որ նկատի ուներ։ Եվ սակայն, կարծես թե, ես հասկանում եմ. գիտե՞ք որ ես ինքս մի երեսուն անգամ, երբ դեռ նույնիսկ տասներեք տարեկան աղջիկ էի, մտածել եմ թունավորվել, և այդ բոլորը նամակով գրել ծնողներիս, և նույնպես մտածում էի, թե ինչպես պառկած կլինեմ դագաղում, և ինչպես բոլորը լաց կլինեն վրաս, իսկ իրենց կմեղադրեն, որ այդպես դաժան են եղել ինձ հետ... ինչո՞ւ եք ժպտում նորից,— արագ ավելացրեց նա, հոնքերը կիտելով,— իսկ դուք ինքնե՞րդ էլի ինչի մասին եք մտածում, երբ միայնակ երազում եք։ Գուցե ձեզ ֆելդմարշալ եք երևակայում, և որ ջախջախել եք նապոլեոնին։
 
— Դե, ահա, ազնիվ խոսք, ես այդ մասին եմ մտածում, հատկապես երբ քնում եմ,— ծիծաղեց իշխանը,— միայն ես ոչ թե Նապոլեոնին, այլ ավստրիացիներին եմ ջախջախում։
 
— Ես բոլորովին չեմ ուզում ձեզ հետ կատակել, Լև Նիկոլաևիչ։ Իպոլիտի հետ ես ինքս կտեսնվեմ, խնդրում եմ, նախազգուշացնեք նրան։ Իսկ ձեր կողմից, գտնում եմ, որ այդ ամենը շատ վատ է, որովհետև շատ կոպիտ բան է այդպես նայել և դատել մարդու հոգին, ինչպես դուք եք դատում Իպոլիտին։ Դուք քնքշություն չունեք. միայն ճշմարտություն, նշանակում է անարդարացի է։
 
Իշխանը մտածմունքի մեջ ընկավ։
 
— Ինձ թվում է, դուք իմ նկատմամբ անարդարացի եք,— ասաց նա,— չէ՞ որ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում նրանում, որ նա այդպես էր մտածում, որովհետև բոլորը հակված են այդպես մտածել, ըստ որում, կարող է պատահել, նա բոլորովին չէր էլ մտածում, այլ միայն ուզում էր այդ... նա ուզում էր վերջին անգամ մարդկանց հանդիպել, նրանց հարգանքին ու սիրուն արժանանալ. չէ՞ որ դրանք շատ լավ զգացմունքներ են, միայն, այստեղ ամեն ինչ մի տեսակ այնպես չստացվեց, այստեղ խոսում է հիվանդությունը և էլի ինչ֊որ բան։ Ըստ որում ոմանց մոտ միշտ ամեն ինչ լավ է ստացվում, իսկ ուրիշների մոտ ոչ մի բանի նման չի...
 
— Դա հավանաբար դուք ձե՞ր մասին ավելացրիք,— նկատեց Ագլայան։
 
— Այո, իմ մասին,— պատասխանեց իշխանը,— ոչ մի չարախնդություն չնկատելով հարցի մեջ։
 
— Միայն, այսուամենայնիվ, ես ձեր տեղը լինեի, ոչ մի դեպքում չէի քնի. նշանակում է, դուք որտեղ էլ տեղավորվեք, հենց անմիջապես քնում եք. դա շատ վատ է ձեր կողմից։
 
— Բայց չէ՞ որ ես ամբողջ գիշերը չեմ քնել, և հետո քայլել եմ, քայլել, եղել եմ նվագի տեղում...
 
— Ի՞նչ նվագի։
 
— Այնտեղ, որտեղ երեկ նվագում էին, իսկ հետո եկա այստեղ, նստեցի, մտածում էի, մտածում և քնեցի։
 
— Հա՜, ուրեմն ահա թե ինչպես։ Դա բանը փոխում է հօգուտ ձեզ... Իսկ ինչո՞ւ գնացիք նվագի տեղը։
 
— Չգիտեմ, այնպես...
 
— Լավ, լավ, հետո, դուք շարունակ խոսքս կտրում եք, և իմ ի՞նչ գործն է, որ դուք գնացել էիք նվագի տեղը։ Այդ ի՞նչ կնոջ մասին էիք երազ տեսնում։
 
— Դա... այն... դուք չեք տեսել...
 
— Հասկանում եմ, շատ լավ եմ հասկանում։ Դուք նրան շա՞տ եք... Նա ինչպե՞ս եկավ ձեր երազը, ի՞նչ տեսքով։ Ասենք, ես ոչինչ էլ չեմ ուզում իմանալ,— խոսքը կտրեց նա հանկարծ զայրույթով։— Մի ընդհատեք ինձ...
 
Նա մի փոքր դադար առավ, կարծես թե ուժը հավաքելով կամ աշխատելով զայրույթը ցրել։
 
— Ահա թե որն է ամբողջ բանը, ինչի համար եմ ձեզ կանչել. ես ուզում եմ առաջարկել, որ իմ բարեկամը լինեք։ Ինչո՞ւ հանկարծ այդպես աչքերդ վրաս հառեցիք,— ավելացրեց նա գրեթե ցասումով։
 
Իշխանն, իրոք, այդ րոպեին շատ ուշադիր նայում էր նրան, նկատելով, որ նա նորից սկսեց սաստիկ շիկնել։ Այդպիսի դեպքերում որքան ավելի էր նա շիկնում, թվում է, այնքան ավելի էր զայրանում իր վրա դրա համար, որը ակներևորեն արտահայտվում էր նրա փայլատակող աչքերում, սովորաբար մի րոպե անց նա արդեն փոխադրում էր իր ցասումը նրա վրա, ում հետ խոսում էր, նա մեղավոր լիներ, թե ոչ, և սկսում էր նրա հետ կռվել։ Գիտենալով ու զգալով իր վայրենությունն ու ամաչկոտությունը, նա սովորաբար քիչ էր խոսակցության բռնվում և մյուս քույրերից ավելի լռակյաց էր, երբեմն նույնիսկ շատ լռակյաց։ Իսկ երբ, հատկապես այդպիսի փափուկ դեպքերում, անպայման պետք էր լինում խոսել, ապա, անպայման խոսակցությունն սկսում էր արտասովոր մեծամտությամբ և կարծես թե ինչ֊որ մարտահրավերով։ Նա միշտ առաջուց նախազգում էր, երբ սկսում էր կամ ուզում էր սկսել կարմրել։
 
— Դուք գուցե չե՞ք ուզում ընդունել առաջարկս,— մեծամտորեն նայեց նա իշխանին։
 
— Օ, ոչ, ուզում եմ, բայց դա բոլորովին հարկավոր չէ... այսինքն՝ ես բոլորովին չէի կարծում, թե հարկավոր է այդպիսի առաջարկություն անել,— շփոթվեց իշխանը։
 
— Իսկ ի՞նչ էիք կարծում դուք։ Ինչի՞ համար պիտի ձեզ այստեղ կանչեի։ Ի՞նչ կա ձեր մտքում։ Ասենք, գուցե դուք ինձ համարում եք փոքրիկ հիմար աղջի՞կ, ինչպես բոլորը համարում են ինձ տանը։
 
— Ես չգիտեի, որ ձեզ հիմար են համարում, ես... ես չեմ համարում։
 
— Չե՞ք համարում։ Շատ խելացի է ձեր կողմից։ Հատկապես խելացի է արտահայտված։
 
— Իմ կարծիքով, դուք նույնիսկ, կարող է պատահել, և շատ խելոք եք երբեմն,— շարունակում էր իշխանը,— դուք քիչ առաջ հանկարծ մի շատ խելացի խոսք ասացիք։ Դուք ասացիք Իպոլիտի մասին ունեցած իմ կասկածի մասին. «Այստեղ լոկ ճշմարտություն է, ուրեմն և նշանակում է անարդարացի է»։ Այդ ես միտքս կպահեմ ու կխորհեմ։
 
Ագլայան հանկարծ բռնկվեց բավականությունից։ Այդ բոլոր փոփոխությունները նրա մեջ կատարվում էին արտակարգ անկեղծորեն ու արտասովոր արագությամբ։ Իշխանը նույնպես ուրախացավ և նույնիսկ ծիծաղեց ուրախությունից, նրան նայելով։
 
— Լսեցեք ուրեմն,— նորից սկսեց Ագլայան,— ես երկար էի սպասում ձեզ, որպեսզի այս բոլորը պատմեի ձեզ, սպասում էի սկսած այն պահից, երբ ինձ գրել էիք այնտեղից այն նամակը, և նույնիսկ ավելի առաջ... Կեսը երեկ դուք արդեն իմացաք ինձնից. ես ձեզ համարում եմ ամենաազնիվ ու ամենաշիտակ մարդը, բոլորից ավելի ազնիվ ու շիտակ, և եթե ձեր մասին ասում են, թե ձեր խելքը... այսինքն որ ձեր խելքը երբեմն հիվանդ է լինում, ապա դա անարդարացի է. ես այդպես որոշեցի և վիճում էի, որովհետև թեկուզ ձեր խելքը իրոք հիվանդ է (դուք, իհարկե, սրա վրա չեք բարկանա, ես բարձրագույն տեսակետից եմ ասում), բայց դրա փոխարեն ձեր գլխավոր խելքը ավելի լավ է, քան նրանց բոլորինը, նույնիսկ այնպիսին է, ինչպիսին նրանք չեն էլ երազում, որովհետև կա երկու խելք, գլխավոր և ոչ գլխավոր։ Այդպե՞ս է։ Չէ՞ որ այդպես է։
 
— Գուցե և այդպես է,— հազիվ արտասանեց իշխանը. նրա սիրտը սաստիկ դողում ու տրոփում էր։
 
— Ես այդպես էլ գիտեի, որ դուք կհասկանաք,— ծանրակշիռ շարունակեց Ագլայան։— Իշխան Շչ-ն ու Եվգենի Պավլովիչը ոչինչ չեն հասկանում այդ երկու խելքից, Ալեքսանդրան՝ նույնպես, բայց պատկերացրեք maman-ը հասկացավ։
 
— Դուք շատ նման եք Լիզավետա Պրոկոֆևնային։
 
— Այդ ինչպե՞ս։ Մի՞թե,— զարմացավ Ագլայան։
 
— Աստված վկա, այդպես է։
 
— Ես շնորհակալ եմ ձեզնից,— ասաց Ագլայան, փոքրինչ մտածելով,— ես շատ ուրախ եմ, որ նման եմ maman-ին։ Դուք, նշանակում է, նրան շա՞տ եք հարգում,— ավելացրեց նա, բոլորովին չնկատելով իր հարցի միամտությունը։
 
— Շա՛տ, շա՛տ, և ուրախ եմ, որ դա այդպես ուղղակի հասկացաք։
 
— Ես էլ ուրախ եմ, որովհետև նկատել եմ, թե ինչպես նրա վրա երբեմն... ծիծաղում են։ Բայց լսեցեք գլխավորը, ես երկար մտածում էի և վերջապես ձեզ ընտրեցի. ես չեմ ուզում, որ տանը ինձ վրա ծիծաղեն, ես չեմ ուզում, որ ինձ համարեն փոքրիկ հիմար աղջիկ, ես չեմ ուզում, որ ինձ ձեռք առնեն... Ես այդ բոլորը միանգամից հասկացա և կտրականապես մերժեցի Եվգենի Պավլովիչին, որովհետև չեմ ուզում, որ անընդհատ ինձ մարդու տան։ Ես ուզում եմ... ես ուզում եմ... Դե, ես ուզում եմ փախչել տնից, իսկ ձեզ ընտրեցի, որպեսզի ինձ օժանդակեք։
 
— Փախչե՜լ տնից,— գոչեց իշխանը։
 
— Այո, այո, այո, փախչե՜լ տնից,— հանկարծ ճչաց Ագլայան, արտասովոր զայրույթով բռնկված,— ես չեմ ուզում, չեմ ուզում, որ այնտեղ շարունակ ինձ հարկադրեն կարմրել։ Ես չեմ ուզում կարմրել ոչ նրանց առաջ, ոչ իշխան Շչ-ի առաջ, ոչ Եվգենի Պավլովիչի առաջ, և ոչ մեկի առաջ, դրա համար էլ ձեզ ընտրեցի։ Ձեզ հետ ուզում եմ ամեն, ամեն ինչի մասին խոսել, նույնիսկ ամենագլխավորի մասին, երբ ուզենամ. ձեր կողմից դուք էլ ոչինչ չպետք է թաքցնեք ինձնից։ Ես ուզում եմ գեթ մի մարդու հետ խոսել այնպես, ինչպես ինքս ինձ հետ. նրանք հանկարծ սկսեցին ասել, որ ես ձեզ սպասում եմ և որ ես ձեզ սիրում եմ։ Դա դեռ մինչև ձեր գալն էր, իսկ ես նամակը նրանց ցույց չէի տվել, իսկ հիմա արդեն բոլորն են ասում։ Ես ուզում եմ համարձակ լինել և ոչնչից չվախենալ։ Ես չեմ ուզում հաճախել նրանց պարահանդեսները, ես ուզում եմ օգուտ բերել։ Ես արդեն վաղուց ուզում էի հեռանալ։ Ես քսան տարի է, ինչ նրանց մոտ խցանով փակված եմ, և շարունակ ինձ մարդու են տալիս։ Ես դեռ տասնչորս տարեկան հասակում մտածում էի փախչել, թեպետ և հիմար էի։ Հիմա արդեն ամեն ինչ հաշվի եմ առել և ձեզ էի սպասում, որ ամեն ինչ հարցուփորձեմ արտասահմանի մասին։ Ես ոչ մի գոթական տաճար չեմ տեսել, ուզում եմ Հռոմում լինել, ուզում եմ բոլոր գիտական կաբինետները դիտել, ես ուզում եմ Փարիզում սովորել, ես ամբողջ վերջին տարին պատրաստվում ու սովորում էի և շատ գրքեր կարդացի, ես բոլոր արգելված գրքերը կարդացի։ Ալեքսանդրան ու Ադելաիդան բոլոր գրքերը կարդում են, նրանց կարելի է, իսկ ինձ ամեն ինչ չեն տալիս, ինձ վրա հսկողություն կա։ Ես քույրերիս հետ չեմ ուզում գժտվել, բայց մորս ու հորս վաղուց արդեն հայտարարել եմ, որ ուզում եմ բոլորովին փոխել իմ սոցիալական դրությունը։ Ես որոշել եմ զբաղվել դաստիարակությամբ, և հույսս ձեզ վրա էի դրել, որովհետև դուք ասում էիք, թե սիրում եք երեխաներին։ Մենք կարո՞ղ ենք միասին զբաղվել դաստիարակությամբ, եթե ոչ հիմա, ապա հետագայում։ Մենք միասին օգուտ կբերենք, ես չեմ ուզում գեներալի աղջիկ լինել... Ասացեք, դուք շա՞տ գիտուն մարդ եք։
 
— Օ, բոլորովին ոչ։
 
— Այդ ափսոս, իսկ ես կարծում էի... հապա ինչո՞ւ էի այդպես կարծում։ Դուք համենայն դեպս ինձ կղեկավարեք, որովհետև ես ձեզ եմ ընտրել։
 
— Դա անհեթեթ բան է, Ագլայա Իվանովնա։
 
— Ես ուզում եմ, ես ուզում եմ փախչել տնից,— գոչեց նա և նորից փայլատակեցին նրա աչքերը,— եթե դուք չհամաձայնեք, ես Գավրիլա Արդալիոնովիչին մարդու կգնամ։ Ես չեմ ուզում, որ տանը ինձ նողկալի կին համարեն և մեղադրեն աստված գիտի թե ինչում։
 
— Խելքներդ գլխի՞դ է,— քիչ մնաց տեղից վեր թռչեր իշխանը,— ինչո՞ւմ են ձեզ մեղադրում, ո՞վ է մեղադրում։
 
— Տանը, բոլորը, մայրս, քույրերս, հայրս, իշխան Շչ֊ն, նույնիսկ ձեր զզվելի Կոլյան։ Եթե ուղղակի չեն ասում, ապա այդպես մտածում են։ Ես նրանց բոլորի երեսին ասացի դա, և մորս, և հորս։ Maman֊ը ամբողջ օրը հիվանդ էր, իսկ հաջորդ օրը Ալեքսանդրան և հայրիկն ինձ ասացին, թե ես ինքս էլ չեմ հասկանում, թե ինչեր եմ դուրս տալիս և ինչ խոսքեր եմ ասում։ Իսկ ես այդտեղ ուղղակի նրանց խոսքը կտրեցի, որ ես արդեն ամեն ինչ հասկանում եմ, բոլոր բառերը, որ ես արդեն փոքրիկ չեմ, որ ես արդեն երկու տարի առաջ դիտմամբ կարդացել եմ Պոլ դը Կոկի երկու վեպը, որպեսզի ամեն ինչի մասին իմանամ։ Maman-ը երբ իմացավ, քիչ մնաց ուշաթափվեր։
 
Իշխանի գլխով հանկարծ մի տարօրինակ միտք անցավ։ Նա ուշադիր նայեց Ագլայայի ն և ժպտաց։
 
Նրա նույնիսկ հավատալը չէր գալիս, որ իր առջև նստած է այն նույն մեծամիտ աղջիկը, որը մի ժամանակ հպարտ ու ամբարտավան նրան կարդաց Գավրիլա Արդալիոնովիչի նամակը։ Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչպես այդպիսի գոռոզ, խստաբարո գեղեցկուհու մեջ կարող էր նստած լինել այդպիսի մանուկ, գուցե իրոք նույնիսկ ''հիմա էլ բոլոր բառերը'' չհասկացող մանուկ։
 
— Դուք միշտ տա՞նն եք ապրել, Ագլայա Իվանովնա,— հարցրեց նա,— ուզում եմ ասել ոչ մի տեղ, որևէ դպրոց չե՞ք գնացել, ինստիտուտում չե՞ք սովորել։
 
— Երբեք և ոչ մի տեղ չեմ գնացել, շարունակ տանն եմ նստել, ինչպես շշի մեջ խցանված, և շշի միջից ուղղակի մարդու կգնամ, ի՞նչ եք նորից քմծիծաղ տալիս։ Ես նկատում եմ, որ դուք էլ, կարծես, ինձ վրա ծիծաղում եք և նրանց կողմն եք բռնում,— ավելացրեց նա, սպառնագին խոժոռվելով,— ինձ մի բարկացրեք, առանց այն էլ չգիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ... Ես համոզված եմ, որ դուք այստեղ եք եկել լիովին հավատացած, որ ես սիրահարված եմ ձեզ և ձեզ տեսակցության եմ կանչել,— խոսքը կտրեց նա գրգռված։
 
— Ես իրոք երեկ վախենում էի դրանից,— պարզասրտորեն բերնից թռցրեց իշխանը (նա շատ շփոթվեց դրանից),— բայց այսօր համոզված եմ, որ դուք...
 
— Ինչպե՜ս,— գոչեց Ագլայան, և նրա ներքևի շրթունքը հանկարծ սկսեց դողալ,— դուք վախենում էիք, որ ես... դուք համարձակվում էիք մտածել, որ ես... Տե՜ր իմ։ Ով գիտե, դուք կասկածում էիք, որ ես ձեզ այստեղ եմ կանչել, որպեսզի ձեզ ծուղակը գցեմ և հետո որպեսզի մեզ այստեղ տեսնեն և ձեզ հարկադրեն ինձ հետ ամուսնանալ...
 
— Ագլա՜յա Իվանովնա, ինչպե՜ս չեք ամաչում։ Ինչպե՞ս կարող էր այդպիսի կեղտոտ միտք ծնվել ձեր մաքուր, անմեղ սրտում։ Գրազ կգամ, որ դուք ինքներդ չեք հավատում ձեր ոչ մի խոսքին և... ինքներդ, էլ չգիտեք, թե ինչ եք ասում։
 
Ագլայան նստել էր համառորեն գլուխը կախած, ասես ինքն էլ վախեցած իր ասածից։
 
— Ես բոլորովին չեմ ամաչում,— մրթմրթաց նա,— դուք որտեղի՞ց գիտեք, որ իմ սիրտն անմեղ է։ Ինչպե՞ս էիք համարձակվել այն ժամանակ ինձ սիրային նամակ ուղարկել։
 
— Սիրային նամա՞կ։ Իմ նամակը՝ սիրայի՜ն։ Դա ամենահարգալիր նամակն է, այդ նամակը իմ սրտից է բխել իմ կյանքի ամենածա՜նր րոպեին։ Ես այն ժամանակ մտաբերում էի ձեր մասին ինչպես մի ինչ֊որ լուսո մասին... ես....
 
— Դե լավ, լավ,— հանկարծ ընդհատեց նրան Ագլայան, բայց արդեն բոլորովին ոչ այն եղանակով, այլ կատարյալ զղջումով և համարյա վախեցած, նույնիսկ թեքվեց դեպի իշխանը, դեռ շարունակ աշխատելով ուղիղ չնայել նրան, ուզեց ձեռքը դնել նրա ուսին, որ ավելի ևս համոզիչ ձևով խնդրեր նրան չբարկանալ,— լավ,— ավելացրեց նա սարսափելի ամաչելով,— ես զգում եմ, որ շատ հիմար արտահայտություն գործածեցի։ Դա ես այնպես... ձեզ փորձելու համար։ Ընդունեցեք այնպես, որ իբր չի էլ ասված։ Իսկ եթե ձեզ վիրավորեցի, ապա ներեցեք։ Խնդրում եմ, ուղիղ մի նայեք ինձ վրա, շրջվեցեք։ Դուք ասացիք, որ շատ կեղտոտ միտք է, ես դիտմամբ ասացի, որ ձեզ խայթեմ։ Երբեմն ես ինքս էլ եմ վախենում նրանից, ինչ որ ուզում եմ ասել, և հանկարծ ասում եմ։ Դուք հիմա ասացիք, որ այդ նամակը գրել եք ձեր կյանքի ամենածանր րոպեին... Ես գիտեմ որ րոպեում,— կամացուկ ասաց նա, նորից դետնին նայելով։
 
— Օ, եթե կարողանայի՜ք ամեն ինչ իմանալ։
 
— Ես ամե՜ն ինչ գիտեմ,— բացականչեց նա նոր հուզմունքով,— դուք այն ժամանակ ապրում էիք նույն սենյակներում այդ նողկալի կնոջ հետ, որի հետ փախաք...
 
Նա արդեն ոչ թե կարմրեց, այլ գունատվեց այդ ասելով, և հանկարծ տեղից վեր կացավ, ասես ինքն իրեն մոռացած, բայց իսկույն էլ, սթափվելով, նստեց. նրա շրթունքը դեռ երկար շարունակում էր դողալ։ Լռությունը շարունակվեց մոտ մեկ րոպե։ Իշխանը սաստիկ զարմացած. էր այդ արարքի անսպասելիությունից և չգիտեր, ինչին վերագրի դա։
 
— Ես ձեզ բոլորովին չեմ սիրում,— հանկարծ ասաց Ագլայան, կարծես կտրեց։
 
Իշխանը ոչինչ չպատասխանեց, նորից լռեցին րոպեի չափ։
 
— Ես սիրում եմ Գավրիլա Արդալիոնովիչին...— ասաց նա արագախոսությամբ, բայց հազիվ լսելի ու ավելի ես խոնարհեց գլուխը։
 
— Դա ճիշտ չէ,— ասաց իշխանը, նույնպես գրեթե շշուկով։
 
— Ուրեմն ես ստո՞ւմ եմ։ Դա ճիշտ է, ես նրան խոսք տվի, երեք օր աոաջ, հենց այս նստարանի վրա։
 
Իշխանը վախեցավ և մի ակնթարթ մտասուզվեց։
 
— Դա ճիշտ չէ,— կրկնեց նա վճռական,— դուբ այդ բոլորը հնարեցիք։
 
— Զարմանալի քաղաքավարի է։ Գիտցեք, որ նա ուղղվել է, նա ինձ սիրում է իր կյանքից ավելի։ Նա իմ առաջ այրեց իր ձեռքը, որպեսզի միայն ապացուցի, որ ինձ իր կյանքից ավելի է սիրում։
 
— Այրեց իր ձե՞ռքը։
 
— Այո, իր ձեռքը։ Հավատաք-չհավատաք, ինձ համար մեկ է։
 
Իշխանը նորից լռեց։ Ագլայայի խոսքերում կատակ չկար. նա բարկանում էր։
 
— Այդ ինչ, նա իր հետ մո՞մ էր բերել, եթե դա այստեղ էր տեղի ունեցել։ Այլ կերպ ես չեմ կարող պատկերացնել...
 
— Այո... մոմ։ Ի՞նչ կա այստեղ անհավատալի։
 
— Ամբո՞ղջ, թե մոմկալի մեջ։
 
— Դե այո... ոչ... կես մոմ... մնացուկը... մի ամբողջ մոմ, միևնույն է, վազն անցեք... Եվ, եթե ուզում եք, լուցկի էլ էր բերել։ Մոմ վառեց և ամբողջ կես ժամ մատը բռնել էր մոմի վրա, մի՞թե դա չի կարող պատահել։
 
— Ես երեկ նրան տեսել եմ, նրա մատներն առողջ են։
 
Ագլայան հանկարծ փռթկացրեց, բոլորովին երեխայի պես։
 
— Գիտե՞ք ինչու ստեցի հիմա,— հանկարծ դարձավ նա դեպի իշխանը, ամենամանկական դյուրահավատությամբ և դեռ շրթունքների վրա դողացող ծիծաղով,— որովհետև երբ ստում ես, ապա եթե ճարպկորեն ավելացնում ես որևէ ոչ բոլորովին սովորական, որևէ էքսցենտրիկ բան, գիտե՞ք, որևէ այնպիսի բան, որ չափազանց կտրուկ է կամ բոլորովին չի լինում, ապա սուտը ավելի հավանական է դառնում։ Ես դա նկատել եմ։ Միայն իմը վատ ստացվեց, որովհետև չկարողացա...
 
Հանկարծ նա նորից խոժոռվեց, ասես ուշքի գալով։
 
— Եթե ես այն ժամանակ,— դարձավ նա իշխանին, լուրջ և նույնիսկ տխուր նայելով նրան,— եթե ես այն ժամանակ ձեզ համար կարդացի «աղքատ ասպետի» մասին, ապա դրանով թեև ուզում էի... ձեզ գովել մի բանի համար, բայց միևնույն ժամանակ ուզում էի նաև նշավակել ձեզ ձեր վարքի համար և ձեզ ցույց տալ, որ ես ամեն ինչ գիտեմ...
 
— Դուք շատ անարդարացի եք դեպի ինձ... դեպի այն դժբախտը, որի մասին հիմա այդպես սոսկալի արաահայտվեցիք, Ագլայա։
 
— Որովհետև ես ամեն ինչ գիտեմ, ամեն ինչ, դրա համար էլ այդպես արտահայտվեցի։ Ես գիտեմ, ինչպես դուք կես տարի առաջ բոլորի ներկայությամբ նրան առաջարկել եք ձեր ձեռքը։ Մի ընդհատեք, տեսնում եք, ես առանց կոմենտարների եմ խոսում։ Դրանից հետո նա փախել է Ռոգոժինի հետ, հետո դուք ապրել եք նրա հետ ինչ-որ գյուղում, թե քաղաքում, և նա ձեզնից գնացել է ինչ-որ մեկի մոտ։ (Ագլայան սոսկալի կարմրեց)։ Հետո նա նորից վերադարձել է Ռոգոժինի մոտ, որը նրան սիրում է ինչպես... ինչպես խելագար։ Հետո դուք՝ նույնիսկ շատ խելացի մարդ, հիմա նրա հետևից սլացաք-եկաք այստեղ, հենց որ իմացաք, որ վերադարձել է Պետերբուրգ։ Երեկ երեկոյան դուք նետվեցիք նրան պաշտպանելու, իսկ հիմա երազում նրան էիք տեսնում... Տեսնո՞ւմ եք, որ ես ամեն ինչ գիտեմ, չէ՞ որ դուք նրա համար, նրա համար եք եկել այստեղ։
 
— Այո, նրա համար,— կամացուկ պատասխանեց իշխանը, տխուր ու մտախոհ հակելով գլուխը և չկասկածելով, ,թե ինչպիսի փայլատակող հայացքով նայեց նրան Ագլայան,— նրա համար, որպեսզի միայն իմանամ... Ես չեմ հավատում նրա բախտին Ռոգոժինի հետ, թեև... մի խոսքով, ես չգիտեմ, թե ինչ կկարողանայի անել այստեղ նրա համար և ինչով օգնել, բայց ես եկա։
 
Նա ցնցվեց ու նայեց Ագլայային. սա ատելությամբ ականջ էր դնում իշխանին։
 
— Եթե եկել եք չիմանալով, թե ինչու։ Նշանակում է շատ եք սիրում,— ասաց նա վերջապես։
 
— Ոչ,— պատասխանեց իշխանը,— ոչ, չեմ սիրում։ Օ, եթե իմանայիք, ինչպիսի՜ սարսափով եմ հիշում այն ժամանակը, որ անցկացրի նրա հետ։
 
Այս խոսքերն ասելիս նույնիսկ սարսուռ անցավ նրա մարմնով։
 
— Ասացեք ամեն ինչ,— ասաց Ագլայան։
 
— Այստեղ ոչ մի այնպիսի բան չկա, որը դուք չկարողանայիք լսել։ Թե ինչու էի հենց ձեզ ուզում այս ամենը պատմել, և միայն ձեզ, չգիտեմ, գուցե նրա համար, որ իրոք ձեզ շատ էի սիրում։ Այդ դժբախտ կինը խորապես համոզված է, որ ինքը ամենաընկած, ամենաարատավոր էակն է աշխարհում։ Օ, մի անարգեք նրան, քար մի շպրտեք։ Նա չափից ավելի է տանջել ինքն իրեն իր անարդարացի խայտառակության գիտակցությամբ։ Եվ ինչո՞վ է նա մեղավոր, օ, աստված իմ։ Օ, նա ամեն րոպե մոլեգնաբար բղավում է, որ իրեն մեղավոր չի համարում, որ ինքը մարդկանց զոհն է, անբարոյականի ու չարագործի զոհը, բայց ինչ էլ ասելու լինի ձեզ, գիտցեք, որ առաջինը ինքը չի հավատում իրեն և որ նա իր ամբողջ խղճով հավատում է, ընդհակառակը, որ նա... ինքն է մեղավոր։ Երբ ես փորձում էի ցրել այդ խավարը, ապա նա այնպիսի տառապանքների էր հասնում, որ իմ սիրտը երբեք չի լավանա, քանի հիշեմ այդ սարսափելի ժամանակը։ Ասես իմ սիրտը խոցել են մեկընդմիշտ։ Նա գիտե՞ք ինչու փախավ ինձնից։ Հենց միայն նրա համար, որպեսզի ինձ ապացուցի, որ ինքը ստոր է։ Բայց այստեղ ամենասարսափելին այն է, որ նա ինքն էլ, կարող է պատահել, չգիտեր, թե մենակ ինձ է ուզում ապացուցել այդ, այլ փախավ նրա համար, որ անպայման, ներքուստ ուզում էր ամոթալի բան անել, որպեսզի տեղնուտեղը ինքն իրեն ասեր. «Ահա դու նոր անամոթություն արիր, նշանակում է դու ստոր արարած ես»։ Օ, գուցե դուք սա չհասկանաք, Ագլայա։ Գիտե՞ք արդյոք, խայտառակության այդ մշտական գիտակցության մեջ նրա համար, գուցե, պարունակվում է ինչ֊որ սարսափելի, անբնական հաճույք, ասես վրիժառություն ինչ֊որ մեկից։ Երբեմն ես նրան այնտեղ էի հասցնում, որ նա կարծես թե նորից լույս էր տեսնում իր շուրջը, բայց իսկույն նորից էր վրդովվում և այնտեղն էր հասնում, որ հենց ինձ էր դառնությամբ մեղադրում, որ իբր ինձ նրանից բարձր եմ դասում (երբ դա իմ մտքովն էլ չէր անցնում), և ուղղակի հայտարարեց ինձ, վերջապես, ամուսնության իմ առաջարկին, որ նա ոչ ոքից չի պահանջում ոչ մեծամիտ կարեկցություն, ոչ օգնություն, ոչ «բարձրացում մինչև իր աստիճանը»։ Դուք երեկ տեսաք նրան. մի՞թե կարծում եք, նա երջանիկ է այդ մարդկանց հետ, որ դա նրա միջավայրն է։ Դուք չգիտեք, թե ինչպես զարգացած է նա և ի՜նչ կարող է հասկանալ։ Սա նույնիսկ երբեմն զարմացնում էր ինձ։
 
— Դուք այնտե՞ղ էլ նրան կարդում էիք նույնպիսի... քարոզներ։
 
— Օ, ոչ,— մտածկոտ շարունակեց իշխանը, չնկատելով հարցի եղանակը,— ես գրեթե միշտ լռում էի։ Ես հաճախ էի ուզում խոսել, բայց իսկապես, չգիտեի, թե ինչ ասեմ։ Գիտե՞ք, որոշ դեպքերում լավ է ոչինչ չասել։ Օ, ես սիրում էի նրան. օ, շատ էի սիրում... բայց հետո... հետո... հետո նա ամեն ինչ կռահեղ։
 
— Ի՞նչ կռահեց։
 
— Որ ես միայն խղճում եմ նրան, բայց որ ես... արդեն չեմ սիրում նրան։
 
— Ինչի՞ց գիտեք, գուցե նա իսկապես սիրահարվել էր այն... կալվածատիրոջը, որի հետ փախավ։
 
— Ոչ, ես ամեն ինչ գիտեմ, նա միայն ծիծաղեց նրա վրա։
 
— Իսկ ձեր վրա երբե՞ք չէր ծիծաղում։
 
— Ո-ոչ, նա ծիծաղում էր չարությունից, օ, այն ժամանակ նա ինձ սարսափելի կշտամբում էր, ցասմնալի, և ինքն էլ տառապում էր։ Բայց հետո... օ, մի հիշեցրեք, մի հիշեցրեք ինձ դա։
 
Նա դեմքը ծածկեց ձեռքերով։
 
— Իսկ գիտե՞ք, որ նա գրեթե ամեն օր ինձ նամակներ է գրում։
 
— Նշանակում է դա ճի՜շտ է,— գոչեց իշխանը տագնապած,— ես լսել էի, բայց դեռ չէի ուզում հավատալ։
 
— Ումի՞ց էիք լսել,— վախեցած սրսփաց Ագլայան։
 
— Երեկ Ռոգոժինն ասաց ինձ, միայն ոչ բոլորովին պարզ։
 
— Երե՞կ։ Երեկ առավոտյա՞ն։ Երեկ ե՞րբ։ Երաժշտությունից առա՞ջ, թե հետո։
 
— Հետո, երեկոյան, ժամը տասներկուսին մոտ։
 
— Ա-ա՜, դե, եթե Ռոգոժինը... իսկ գիտե՞ք ինչի մասին է գրում ինձ այդ նամակներում։
 
— Ես ոչնչի վրա չեմ զարմանում, նա խելագար է։
 
— Ահա այդ նամակները (Ագլայան գրպանից հանեց երեք նամակ երեք ծրարի մեջ և նետեց իշխանի առաջ)։ Ահա արդեն մի ամբողջ շաբաթ նա ինձ աղերսում է, հակում, գայթակղեցնում, որպեսզի ես ամուսնանամ ձեզ հետ։ Նա... այո, նա խելացի է, թեպետև խելագար է, և դուք ճիշտ եք ասում, որ նա ինձնից շատ ավելի խելոք է... նա ինձ գրում է, որ սիրահարված է ինձ, որ ամեն օր առիթ է որոնում թեկուզ հեռվից ինձ տեսնելու։ Նա գրում է, որ դուք սիրում եք ինձ, որ նա այդ գիտի, վաղուց է նկատել, և որ դուք նրա հետ այնտեղ խոսել եք իմ մասին։ Նա ուզում է ձեզ տեսնել երջանիկ, նա համոզված է, որ միայն ես կկազմեմ ձեր երջանկությունը... նա այնպես անսովոր է գրում... տարօրինակ։ Ես ոչ ոքի ցույց չեմ տվել նամակները, ես ձեզ էի սպասում. դուք գիտե՞ք դա ինչ է նշանակում։ Ոչինչ չե՞ք կոահում։
 
— Դա խելագարություն է. նրա ցնորվածության ապացույցը,— ասաց իշխանը, և նրա շրթունքները դողացին։
 
— Դուք հո չե՞ք լալիս։
 
— Ոչ, Ագլայա, ոչ, չեմ լալիս,— նրան նայեց իշխանը։
 
— Ի՞նչ անեմ ես այստեղ։ Ի՞նչ խորհուրդ կտաք ինձ։ Հո չե՞մ կարող այս նամակներն ստանալ։
 
— Օ, թողեք նրան, աղաչում եմ ձեզ,— գոչեց իշխանը,— ի՞նչ եք անելու այս խավարում. ես բոլոր ջանքերս կգործադրեմ, որպեսզի նա այլևս չգրի ձեզ։
 
— Եթե այդպես է, դուք անսիրտ մարդ եք,— բացականչեց Ագլայան,— մի՞թե չեք տեսնում, որ նա ոչ թե ինձ է սիրահարված, այլ ձեզ, միայն ձեզ է սիրում նա։ Մի՞թե նրա մեջ ամեն ինչ կարողացել եք նկատել, իսկ դա չեք նկատել։ Գիտե՞ք ինչ բան է սա, ինչ են նշանակում այս նամակները։ Սա խանդ է, սա ավելին է, քան խանդը։ Նա... դուք կարծում եք, նա իսկապե՞ս կամուսնանա Ռոգոժինի հետ, ինչպես գրում է այնտեղ նամակներում։ Նա հաջորդ օրը կսպանի ինքն իրեն, հենց որ մենք ամուսնանանք։
 
Իշխանը ցնցվեց, նրա սիրտը նվաղեց։ Բայց նա զարմացած նայում էր Ագլայային, նրա համար տարօրինակ էր ընդունել, որ այս մանուկը վաղուց արդեն կին է։
 
— Աստված տեսնում է, Ագլայա, որպեսզի նրան վերադարձնեի հանգիստը և երջանկացնեի, ես կյանքս կտայի, բայց... ես արդեն չեմ կարող սիրել, և նա գիտի այդ։
 
— Ուրեմն զոհաբերեք ձեզ, չէ՞ որ դա այնքան սազում է ձեզ։ Չէ՞ որ դուք այնպիսի մե՜ծ բարերար եք։ Եվ ինձ «Ագլայա» մի ասացեք... Դուք քիչ առաջ էլ ինձ ուղղակի Ագլայա ասացիք... Դուք պետք է, դուք պարտավոր եք հարություն տալ նրան, դուք պետք է մեկնեք նրա հետ, որպեսզի խաղաղեցնեք ու հանգստացնեք նրա սիրտը։ Ախր դուք նրան սիրում էլ եք։
 
— Ես չեմ կարող այդպես զոհաբերել ինձ, թեև ուզում էի մի անդամ ևս... գուցե հիմա էլ ուզում եմ։ Բայց ես հաստատ գիտեմ, որ նա ինձ հետ կկործանվի, դրա համար էլ թողնում եմ նրան։ Ես պետք է նրան տեսնեի այսօր ժամը յոթին, ես, գուցե, հիմա չգնամ։ Իր հպարտությամբ նա երբեք չի ների իմ սերը, և մենք երկուսս էլ կկործանվենք։ Սա անբնական է, բայց այստեղ ամե՛ն ինչ անբնական է։ Դուք ասում եք, նա սիրում է ինձ, բայց մի՞թե դա սեր է։ Մի՞թե կարող է այդպիսի սեր լինել, նրանից հետո, ինչ ես տարել եմ։ Ոչ, այստեղ ուրիշ բան է, և ոչ թե սեր։
 
— Ինչպես գունատվել եք,— վախեցավ հանկարծ Ագլայան։
 
— Ոչինչ, ես քիչ եմ քնել, թուլացել եմ, ես... մենք իրոք ձեր մասին խոսում էինք այն ժամանակ, Ագլայա...
 
— Ուրեմն դա ճի՞շտ է։ Դուք իսկապես ''կարող էիք նրա հետ իմ մասին'' խոսել և... ինչպե՞ս կարող էիք ինձ սիրել, երբ ընդամենը մեկ անգամ էիք տեսել ինձ։
 
— Ես չգիտեմ ինչպես։ Իմ այն ժամանակվա խավարում ես երազում էի... ինձ պատկերանում էր, գուցե, նոր արշալույս։ Ես չգիտեմ ինչպես առաջինը ձեր մասին մտածեցի։ Ես այն ժամանակ ճիշտ էի գրել, որ չգիտեմ։ Այդ բոլորը լոկ երազանք էր այն ժամանակվա սարսափից... Հետո ես սկսեցի պարապել. ես երեք տարի չէի գա այստեղ...
 
— Նշանակում է նրա համա՞ր եկաք։
 
Եվ Ագլայայի ձայնի մեջ մի բան դողաց։
 
— Այո, նրա համար։
 
Անցավ երկուսի կողմից էլ մռայլ լռության մի երկու րոպե։ Ագլայան տեղից վեր կացավ։
 
— Եթե դուք ասում եք,— անհաստատ ձայնով սկսեց նա,— եթե դուք ինքներդ հավատում եք, որ ձեր... այդ կինը... խելագար է, ապա չէ՞ որ նրա խելագար ֆանտազիաների հետ ես գործ չունեմ... Խնդրում եմ ձեզ, Լև Նիկոլաևիչ, վերցնել այս երեք նամակը և նրան նետել իմ կողմից։ Եվ եթե նա,— բղավեց հանկարծ Ագլայան,— եթե նա համարձակվի մի անգամ էլ ինձ ուղարկել մի տող, ապա ասացեք նրանք որ ես կգանգատվեմ հորս և որ նրան կտանեն զսպատուն...
 
Իշխանը վեր թռավ և վախեցած նայում էր Ագլայայի հանկարծակի ցասմանը, և հանկարծ մշուշը ցրվեց նրա առջևից...
 
— Դուք չեք կարող այդպես զգալ... գա, դա ճիշտ չէ,— քրթմնջում էր նա։
 
— Դա ճի՜շտ է։ Ճի՜շտ է,— ճչաց Ագլայան, գրեթե ինքն իրեն մոռացած։
 
— Ի՞նչն է ճիշտ։ Ի՞նչ ճիշտ,— հնչեց նրա կողքին մի վախեցած ձայն։
 
Նրանց առջև կանգնած էր Լիզավետա Պրոկոֆևնան։
 
— Այն է ճիշտ, որ ես մարդու եմ գնում Գավրիլա Արդալիոնովիչին։ Որ ես Գավրիլա Արդալիոնովիչին սիրում եմ և վաղն իսկ նրա հետ փախչում եմ տնից,— նրա վրա հարձակվեց Ագլայան։֊— Լսեցի՞ք։ Բավարարվա՞ծ է ձեր հետաքրքրությունը։ Գո՞հ եք դրանից։
 
Եվ նա վազեց տուն։
 
— Ոչ, եղբայր, դուք հիմա մի հեռացեք,— կանգնեցրեց իշխանին Լիզավետա Պրոկոֆևնան,— բարի եղեք, համեցեք ինձ մոտ բացատրության... Այս ի՞նչ տանջանք է, ես առանց այն էլ ամբողջ գիշերը չեմ քնել...
 
Իշխանը գնաց նրա հետևից։
=== IX ===
 
Իր տուն մտնելով, Լիզավետա Պրոկոֆևնան կանգ առավ հենց առաջին սենյակում, ավելի գնալ նա չէր կարող և բոլորովին ուժասպառված նստեց թախտին, նույնիսկ մոռանալով իշխանին հրավիրել նստելու։ Դա մի բավական մեծ դահլիճ էր, մեջտեղը դրած կլոր սեղանով, բուխարիկով, լուսամուտների մոտի դարակներին լիքը ծաղիկներ դրած և հետևի պատին՝ դեպի այգին բացվող մի ուրիշ ապակե դռնով։ Անմիջապես ներս մտան Ադելաիդան ու Ալեքսանդրան, հարցական ու տարակուսած նայելով իշխանին ու մորը։
 
Աղջիկները ամառանոցում սովորաբար վեր էին կենում ժամը իննին. միայն Ագլայան վերջին երկու֊երեք օրը սովորություն էր դարձրել մի քիչ վաղ վեր կենալ և դուրս էր գալիս այգի զբոսնելու, բայց և այնպես ոչ ժամը յոթին, այլ ութին կամ նույնիսկ ավելի ուշ։ Լիզավետա Պրոկոֆևնան, որ իրոք գիշերը չէր քնել իր զանազան տագնապների պատճառով, վեր էր կացել ժամը ութին մոտ, դիտմամբ նրա համար, որպեսզի այգում հանդիպի Ագլայային, ենթադրելով, որ նա արդեն վեր կացած կլինի. բայց ոչ այգում, ոչ ննջարանում նրան չէր գտել։ Այստեղ նա վերջնականապես անհանգստացած արթնացրել էր աղջիկներին։ Աղախնուց իմացան, որ Ագլայա Իվանովնան դեռ ժամը յոթը չեղած գնացել էր զբոսայգի։ Աղջիկները քմծիծաղ տվին իրենց ֆանտաստիկ քույրիկի նոր ֆանտազիայի վրա և նկատեցին մայրիկին, որ ով գիտի, Ագլայան դեռ բարկանա էլ, եթե մայրը գնա զբոսայգի նրան որոնելու, և որ, հավանաբար, նա հիմա գիրքը ձեռքին նստած է կանաչ նստարանին, որի մասին նա սկսում էր դեռ երեք օր առաջ և որի համար համարյա կռվեց իշխան Շչ-ի հետ, որովհետև, նա նստարանի տեղագրության մեջ ոչ մի առանձին բան չգտավ։ Բռնելով տեսակցությունը և լսելով աղջկա տարօրինակ խոսքերը, Լիզավետա Պրոկոֆևնան սարսափելի վախեցած էր, շատ պատճառներով, բայց հիմա, իշխանին իր հետ բերելով, վախեցավ, որ գործ էր սկսել. «Իսկ ինչո՞ւ Ագլայան չէր կարող հանդիպել ու խոսքի բռնվել իշխանի հետ զբոսայգում, նույնիսկ, վերջապես, եթե դա վախօրոք պայմանավորված տեսակցություն էլ լիներ»։
 
— Չկարծեք, իշխան, սիրելիս,— ասաց նա վերջապես հաղթահարելով տհաճ զգացմունքը,— որ ձեզ այստեղ քարշ տվի հարցաքննության։ Ես, աղավնյակս, երեկվա երեկոյից հետո, գուցե, շատ երկար ժամանակ քեզ հետ հանդիպել անգամ չէի ուզենա։
 
Նա մի քիչ դեմ առավ։
 
— Բայց և այնպես շա՜տ կուզենայիք իմանալ, թե այսօր ինչպես հանդիպեցինք ես ու Ագլայա Իվանովնան,— շատ հանգիստ ավարտեց իշխանը։
 
— Հետո՛ ինչ, կուզենայի՜,— անմիջապես բռնկվեց Լիզավետա Պրոկոֆևնան։— Չեմ վախենա և ուղղակի խոսքերից։ Որովհետև ոչ ոքի չեմ նեղացնում և չէի ուզենա նեղացնել...
 
— Ներեցեք, առանց նեղացնելու էլ բնական է, որ ուզում եք իմանալ, դուք մայր եք։ Մենք այսօր Ագլայա Իվանովնայի հետ հանդիպեցինք կանաչ նստարանի մոտ առավոտյան ժամը ուղիղ յոթին նրա երեկվա հրավերի հետևանքով։ Նա երեկ երեկոյան ինձ մի տոմսակով իմաց էր տվել, որ ինքը պետք է տեսնի և ինձ հետ խոսի կարևոր գործի մասին։ Մենք տեսնվեցինք և մի ամբողջ ժամ խոսում էիք այնպիսի գործերի մասին, որոնք իսկն ասած վերաբերում էին Ագլայա Իվանովնային, ահա և ամբողջը։
 
— Իհարկե, ամբողջը, սիրելիս, և առանը որևէ կասկածի ամբողջը,— արժանապատվությամբ արտասանեց Լիզավետա Պրոկոֆևնան։
 
— Հիանալի է, իշխան,— ասաց Ագլայան, հանկարծ մտնելով սենյակ,— ամբողջ սրտով շնորհակալ եմ ձեզնից, որ ինձ էլ անընդունակ համարեցիք այստեղ ստորանալու մինչև սուտ ասելու աստիճան։ Այդքանը հերի՞ք է ձեզ, maman, թե՞ մտադիր եք էլի հարցաքննել։
 
— Դու գիտես, որ մինչև հիմա ես ոչ մի բանի համար ստիպված չեմ եղել քո առաջ կարմրել... Թեև դու, գուցեև, ուրախ կլինեիր, որ կարմրեի,— խրատական ձևով ասաց Լիզավետա Պրոկոֆևնան։— Մնաք բարով, իշխան, ինձ էլ ներեցեք, որ անհանգստացրի։ Եվ հուսով եմ։ Համոզված կմնաք դեպի ձեզ տածած անփոփոխ հարգանքիս։
 
Իշխանն անմիջապես գլուխ տվեց երկու կողմի վրա և լուռ դուրս եկավ։ Ալեքսանդրան և Ադելաիդան քմծիծաղ տվին և իրար մեջ ինչ֊որ բան շշնջացին։ Լիզավետա Պրոկոֆևնան խստորեն նայեց նրանց։
 
— Մենք միայն նրա վրա ծիծաղեցինք, maman,— ծիծաղեց Ադելաիդան,— որ իշխանը այդպես հիանալի հրաժեշտ տվեց. երբեմն բոլորովին ծանրաշարժ է, իսկ հիմա հանկարծ ինչպես... ինչպես Եվգենի Պավլովիչը։
 
— Քաղաքավարությունն ու արժանապատվությունը սիրտն ինքն է սովորեցնում, և ոչ թե պարերի ուսուցիչը,— ուսուցողաբար եզրափակեց Լիզավետա Պրոկոֆևնան և անցավ վերև, իր հարկաբաժինը, նույնիսկ չնայելով Ագլայայի վրա։
 
Երբ իշխանը վերադարձավ տուն, արդեն ժամը իննին մոտ էր, պատշգամբում գտավ Վերա Լուկիանովնային և աղախնուն։ Նրանք միասին հավաքում ու ավլում էին երեկվա անկարգությունից հետո։
 
— Փառք աստծու, հասցրինք մինչև ձեր գալը վերջացնել,— ուրախ ասաց Վերան։
 
— Բարև ձեզ. մի քիչ գլուխս պտտվում է, ես վատ եմ քնել. կքնեի։
 
— Երեկվա պես այստեղ, պատշգամբո՞ւմ։ Լավ։ Ես բոլորին կասեմ, որ ձեզ չզարթնեցնեն։ Հայրիկս ինչ֊որ տեղ է գնացել։
 
Աղախինը դուրս ելավ։ Վերան գնաց նրա հետևից, բայց վերադարձավ և մտահոգ մոտեցավ իշխանին։
 
— Իշխան, խղճացեք այն... թշվառին. մի վռնդեք նրան այսօր։
 
— Ոչ մի դեպքում չեմ վռնդի, ինչպես որ նա ինքը կուզի։
 
— Նա հիմա ոչինչ չի անի և... նրա հետ խիստ մի եղեք։
 
— Օ ոչ, ինչո՞ւ։
 
— Եվ... մի ծիծաղեք նրա վրա. ահա սա ամենագլխավորն է։
 
— Օ, բոլորովի՜ն ոչ։
 
— Հիմար եմ ես, որ ձեզ նման մարդուն ասում եմ այդ մասին,— կարմրեց Վերան։— Ու թեև դուք հոգնած եք,— ծիծաղեց նա, կիսաշրջվելով, որպեսզի գնա,— բայց ձեր աչքերն այնքան լավն են այս րոպեիս... երջանիկ են։
 
— Մի՞թե երջանիկ են,— աշխուժորեն հարցրեց իշխանը և ուրախ ծիծաղեց։
 
Բայց Վերան, որ տղայի պես պարզասիրտ ու հասարակ էր, հանկարծ մի տեսակ շփոթվեց, ավելի սաստիկ կարմրեց և, շարունակելով ծիծաղել, արագ դուրս եկավ սենյակից։
 
«Ինչ... լավիկն է...» — մտածեց իշխանը և իսկույն մոռացավ նրա մասին։ Նա անցավ պատշգամբի անկյունը, որտեղ թախտ էր դրված և առջևը մի փոքրիկ սեղան, նստեց, երեսը ձեռքերով ծածկեց և նստած մնաց մի տասը րոպե, հանկարծ շտապ ու տագնապած ձեռքը տարավ կողքի գրպանը և հանեց երեք նամակը։
 
Բայց դուռը նորից բացվեց և ներս մտավ Կոլյան։ Իշխանը կարծես ուրախացավ, որ ստիպված էր նորից գրպանը գնել նամակները և րոպեն հեռացնել։
 
— Այ թե պատահա՜ր էր,— ասաց Կոլյան, նստելով թախտին և ուղղակի մոտենալով նյութին, ինչպես և բոլոր նրա նմաններըԼ— Հիմա ինչպե՞ս եք նայում Իպոլիտին։ Առանց հարգանքի՞։
 
— Ինչո՞ւ... բայց, Կոլյա, ես հոգնել եմ... համ էլ շատ տխուր է նորից դրա մասին սկսել... Բայց ինչպե՞ս է նա։
 
— Քնած է և դեռ երկու ժամ էլ կքնի։ Հասկանում եմ. դուք տանը չէիք քնել, զբոսնում էիք այգում... իհարկե... հուզմունք... պարզ բա՜ն է։
 
— Ի՞նչ գիտեք, որ ես զբոսնում էի այգում և տանը չեմ քնել։
 
— Նոր Վերան էր ասում։ Համոզում էր, որ ներս չմտնենք, ես չհամբերեցի, մի րոպեով։ Ես այդ երկու ժամը հերթապահեցի անկողնու մոտ. հիմա Կոստյա Լեբեդևին նստեցրի հերթապահելու։ Բուրդովսկին գնաց։ Դե պառկեցեք, իշխան, բարի գի... դե, բարի առավոտ։ Միայն գիտե՞ք, ես զարմացած եմ։
 
— Իհարկե... այս ամենը...
 
— Ոչ, իշխան, ոչ. ես զարմացած եմ «Խոստովանությունից»։ Գլխավորը, այն տեղից, որտեղ նա խոսում է նախախնամության և ապագա կյանքի մասին։ Այնտեղ վիթ-խա-րի՜ միտք կա։
 
Իշխանը սիրալիր նայեց Կոլյային, որը, իհարկե, հենց դրա համար էլ մտել էր, որ ինչքան կարելի է շուտ խոսեր վիթխարի մտքի մասին։
 
— Բայց գլխավորը, գլխավորը միայն մտքի մեջ չէ, այլ ամբողջ իրադրության։ Եթե դա Վոլտերը, Ռուսսոն, Պրուդոնը գրած լինեին, ես կկարդայի, կնկատեի, բայց չէի զարմանա այդ աստիճան։ Բայց մի մարդ, որը հաստատ գիտի, որ իրեն տասը րոպե է մնում, և այդպես է ասում, չէ՞ որ դա հպա՜րտ բան է։ Չէ՞ որ դա սեփական արժանապատվության բարձրագույն անկախություն է, չէ՞ որ դա նշանակում է ուղղակի խրոխտալ... Ոչ, դա ոգու վիթխարի ուժ է։ Եվ դրանից հետո պնդել, թե նա դիտմամբ չէր դրել հրապատիճը, դա ստորություն է, անբնական է։ Իսկ գիտե՞ք, ախր նա երեկ խաբեց, խորամանկություն արեց. ես բնավ երբեք նրա հետ պայուսակ չեմ դասավորել և երբեք ատրճանակ չեմ տեսել, ամեն ինչ նա է դասավորել, այնպես որ նա ինձ հանկարծ մոլորեցրեց։ Վերան ասում է, որ դուք նրան թողնում եք այստեղ, երդվում եմ, որ վտանգ չի լինի, մանավանդ որ մենք բոլորս առանց հեռանալու նրա մոտ ենք։
 
— Իսկ ձեզանից ո՞վ էր այնտեղ գիշերը։
 
— Ես, Կոստյա Լեբեդևը, Բուրդովսկին։ Կելլերը մի քիչ մնաց, իսկ հետո տեղափոխվեց Լեբեդևի մոտ քնելու, որովհետև մեզ մոտ պառկելու տեղ չկար։ Ֆերդիշչենկոն էլ Լեբեդևի մոտ էր քնել, ժամը յոթին գնաց... Լեբեդևը, գուցե, հիմա կգա ձեզ մոտ, նա, չգիտեմ ինչու, ձեզ էր որոնում, երկու անգամ հարցրեց։ Նրան թողնե՞մ, թե չթողնեմ, եթե պառկեք քնելու։ Ես էլ եմ գնում քնելու։ Ախ, հա, ես ձեզ մի բան կասեի. ինձ այն ժամանակ զարմացրեց գեներալը. Բուրդովսկին ինձ արթնացրեց ժամը յոթին մոտ հերթապահելու, նույնիսկ համարյա վեցին. ես մի րոպեով դուրս եկա, հանկարծ հանդիպում եմ գեներալին և դեռ այն աստիճան հարբած, որ ինձ չճանաչեց, գերանի պես կանգնել է իմ առջև, հենց որ սթափվեց, ուղղակի հարձակվեց վրաս. «Ինչպե՞ս է հիվանդը։ Ես գալիս էի հիվանդի մասին իմանալու...»։ Ես զեկուցեցի, դե, այս, այն։ «Այդ բոլորը լավ, ասում է, բայց, գլխավորը, ես գալիս էի, դրա համար էլ վեր կացա, որպեսզի քեզ նախազգուշացնեմ, ես հիմք ունեմ ենթադրելու, որ պարոն Ֆերդիշչենկոյի ներկայությամբ չի կարելի ամեն ինչ խոսել և...․ պետք է զուսպ լինել»։ Հասկանո՞ւմ եք, իշխան։
 
— Մի՞թե։ Ասենք... մեզ համար միևնույն է։
 
— Այո, անտարակույս միևնույն է, մենք մասոններ չե՜նք։ Այնպես որ ես նույնիսկ զարմացա, որ գեներալը հատկապես գալիս էր դրա համար ինձ արթնացնելու գիշերը։
 
—- Ասում եք, Ֆերդիշչենկոն գնացե՞լ է։
 
— Ժամը յոթին, հարևանցի անցավ մոտս. ես հերթապահում էի։ Ասաց, որ գնում է գիշերը վիլկինի մոտ ավարտելու,— մի այդպիսի հարբեցող կա, Վիլկին։ Դե, գնում եմ։ Ահա և Լուկիան Տիմոֆեիչը... Իշխանն ուզում է քնել, Լուկիան Տիմոֆեիչ, ետ դարձեք։
 
— Միայն մի րոպեով, մեծարգո իշխան, իմ տեսակետից մի նշանակալի գործով,— լարված և ինչ֊որ զգացված տոնով կիսաձայն ասաց ներս եկած Լեբեդևը և ծանր ու մեծ ողջունեց։ Նա հենց նոր էր վերադարձել և նույնիսկ չէր հասցրել իր տուն մտնել, այնպես որ գլխարկն էլ դեռ բռնել էր ձեռքին։ Նրա դեմքը մաահոգ էր և սեփական արժանապատվության առանձնահատուկ, արտասովոր արաահայտության երանգ ուներ։ Իշխանը նրան հրավիրեց նստելու։
 
— Դուք ինձ երկու անգամ հարցրե՞լ եք։ Գուցե շարունակ անհանգստանում եք երեկվա դեպքի՞ համար...
 
— Դուք ենթադրում եք, թե երեկվա այդ տղայի համա՞ր, իշխան։ Օ ոչ, երեկ իմ մտքերն անկարգ վիճակում էին... բայց այսօր արդեն ես մտադիր չեմ թեկուզ որևէ հարցում կոնտրկարեի<ref>Կոնտրկարե (ֆրանս. contrecarrer-ից) — վիճարկել։
</ref> ենթարկել ձեր ենթադրությունները։
 
— Կոնտրկա... ինչպես ասացի՞ք։
 
— Ես ասացի կոնտրկարե, ֆրանսերեն բառ է, ինչպես բազմաթիվ այլ բառեր, որ մտել են ռուսաց լեզվի կազմի մեջ. բայց առանձնապես թեր չեմ դրան։
 
— Այդ ի՞նչ այսօր այդպես լուրջ ու վայելուչ եք, Լեբեդև, և խոսում եք կարծես հեգելով,— քմծիծաղ տվեց իշխանը։
 
— Նիկոլայ Արդալիոնովիչ,— գրեթե խանդակաթ ձայնով դիմեց Լեբեդևը Կոլյային,— հայտնելիք ունենալով իշխանին մի գործի մասին, որն իսկապես ասած վերաբերում է...
 
— Դե լավ, հասկանալի է, հասկանալի է, իմ գործը չէ։ Ցտեսություն, իշխան,— անմիջապես հեռացավ Կոլյան...
 
— Սիրում եմ երեխային խելամտության համար,— արտասանեց Լեբեդևը, նայելով նրա հետևից,— ժիր տղա է, թեև պնդերես։ Արտակարգ դժբախտություն ապրեցի ես, մեծարգո իշխան, իրեկ երեկոյան կամ այսօր լուսադեմին... դեռ տատանվում եմ ստույգ ժամանակը նշելու։
 
— Ի՞նչ է պատահել։
 
— Չորս հարյուր ռուբլու կորուստ կողքի գրպանիցս, մեծարգո իշխան, կնքե՜լ են,— ավելացրեց Լեբեդևը թթու քմծիծաղով։
 
— Դուք չորս հարյուր ռուբլի՞ եք կորցրել։ Ափսոս։
 
— Եվ հատկապես աղքատ, իր աշխատանքով ապրող մարդու համար։
 
— Իհարկե, իհարկե. այդ ինչպե՞ս։
 
— Գինու հետևանքով։ Ես ձեզ մոտ, ինչպես նախախնամության մոտ եմ եկել, մեծարգո իշխան։ Չորս հարյուր ռուբլու գումարը արծաթով ես երեկ կեսօրվա ժամը հինգին ստացա մի պարտապանից և գնացքով վերադարձա այստեղ։ Դրամպանակս գրպանումս էր։ Վիցմունդիրիս փոխարեն սերթուկս հագնելով, փողը դրի սերթուկիս գրպանը, նկատի ունենալով դրամը մոտս պահել, հույս ունենալով հենց երեկոյան դրանք տալ մի խնդրարկուի... սպասելով հավատարմատարին։
 
— Ի դեպ, Լուկիան Տիմոֆեիչ, ճի՞շտ է, որ դուք լրագրերում հայտարարություն եք տվել, որ ոսկե ու արծաթե իրերի գրավի դիմաց փող եք տալիս։
 
— Հավատարմատարի միջոցով. հասցեի տակ իմ սեփական անունը չի նշված։ Ունենալով չնչին կապիտալ և ընտանիքի աճը նկատի ունենալով, ինքներդ համաձայնեցեք, որ ազնիվ տոկոսը...
 
— Դե, այո, այո. ես միայն իմանալու համար, ներեցեք, որ ընդհատեցի։
 
— Հավատարմատարը չներկայացավ։ Այդ միջոցին բերին դժբախտին, ես արդեն բարձր տրամադրության մեջ էի, ճաշելուց հետո. եկան այդ հյուրերը, խմեցինք... թեյ, և... տրամադրությունս բարձրացավ ի կործանում իմ։ Իսկ երբ, արդեն ուշ, եկավ այդ Կելլերը և ազդարարեց ձեր հանդիսավոր օրվա և շամպայնի վերաբերյալ արած կարգադրության մասին, ապա ես, թանկագին և մեծարգո իշխան, ունենալով սիրտ (որ դուք, հավանաբար, արդեն նկատել եք, որովհետև ես արժանի եմ), ունենալով, չէի ասի զգայուն, բայց շնորհակալ սիրտ, որով և հպարտանում եմ, ես, պատրաստվող հանդիպման առավել հանդիսավորության համար և ձեզ անձամբ շնորհավորելու սպասումով, մտածեցի գնալ իմ հին ցնցոտին փոխել վերադարձիցս հետո հանած վիցմունդիրովս, որը և իրագործեցի, ինչպես, հավանաբար, իշխան, դուք նկատեցիք, ամբողջ երեկոն ինձ տեսնելով վիցմունդիր հագած։ Հագուստս փոխելով, ես սերթուկիս գրպանում մոռացա դրամապանակս... Իսկապես, երբ աստված կանխատեսում է պատժել, ապա ամենից առաջ խլում է խելքը։ Եվ միայն այսօր, արդեն ժամը ութի կեսին. արթնանալով, գժի պես վեր թռա, առաջին հերթին ձեռքս առա սերթուկս՝ լոկ դատարկ դրպան։ Դրամապանակիս հետքն իսկ չքացել էր։
 
— Ախ, դա տհա՜ճ է։
 
— Այդ է որ տհաճ է. և դուք իսկական տակտով հիմա գտաք պատշաճ արտահայտությունը,— ոչ առանց նենգության ավելացրեց Լեբեդևը։
 
— Բայը այդ ինչպես...— անհանգստացավ իշխանը, խորամուխ լինելով,— ախր դա լուրջ բան է։
 
— Այդ է որ լուրջ բան է,— ձեր կողմից գտնված ևս մի ուրիշ բառ, իշխան, բնորոշելու համար...
 
— Ախ, հերիք է, Լուկիան Տիմոֆեիչ, այստեղ գտնելու ի՞նչ կա։ Կարևորը բառերը չեն... ենթադրում եք, որ հարբած վիճակում կարող էիք գցա՞ծ լինել գրպանից։
 
— Կարող էի։ Ամեն ինչ հնարավոր է հարբած վիճակում, ինչպես դուք անկեղծորեն արտահայտվեցիք , մեծարգո իշխան։ Բայց խնդրում եմ դատեք, եթե ես գրպանից թափ եմ տվել դրամապանակը, ապա թափ տված իրը պետք է ընկած լիներ հենց այդտեղ, հատակին։ Իսկ ո՞ւր է այդ իրը։
 
— Արդյոք որևէ տեղ չե՞ք դրել, սեղանի արկղը։
 
— Ամեն տեղ որոնել եմ, ամեն ինչ տակնուվրա արել, առավել ևս, որ ոչ մի տեղ չեմ պահել և ոչ մի արկղ բաց չեմ արել, որը պարզ հիշում եմ։
 
— Պահարանիկում նայե՞լ եք։
 
— Առաջին հերթին, և նույնիսկ այսօր արդեն մի քանի անգամ... և ինչպե՞ս կարող էի պահարանիկում դնել, անկեղծորե՛ն հարգելի իշխան։
 
— Խոստովանում եմ, Լեբեդև, դա ինձ անհանգստացնում է։ Նշանակում է, որևէ մեկը գտե՞լ է հատակին։
 
— Կամ հափշտակել է գրպանիցս։ Երկու ալտերնատիվ։
 
— Դա ինձ շատ է անհանգստացնում, որովհետև ո՞վ պիտի լինի... ահա հարցը։
 
— Առանց մի կասկածի, դա է գլխավոր հարցը, դուք զարմանալի ճիշտ եք գտնում բառերն ու մտքերը և որոշում եք իրավիճակները, ամենապայծառափայլ իշխան։
 
— Ախ, Լուկիան Տիմոֆեիչ, թողեք ծաղրանքները, այստեղ...
 
— Ծաղրանքնե՜րը,— գոչեց Լեբեդևը ձեռքերը իրար խփելով։
 
— Դե-դե-դե, լավ, չէ՞ որ ես չեմ բարկանում, այստեղ բոլորովին այլ բան է... Ես մարդկանց համար եմ վախենում։ Դուք ո՞ւմ եք կասկածում։
 
— Ամենադժվար և... ամենաբա՜րդ հարց։ Աղախնին կասկածել չեմ կարող, նա նստած էր իր խոհանոցում։ Հարազատ երեխաներիս՝ նույնպես...
 
— Այդ էր պակաս։
 
— Նշանակում է հյուրերից որևէ մեկն է։
 
— Բայց մի՞թե դա հնարավոր է։
 
— Բոլորովին և վերին աստիճանի անհնար է, բայց անպայման այդպես պետք է լինի։ Համաձայն եմ, սակայն, ենթադրել, և նույնիսկ համոզված եմ, որ եթե գողություն է եղել, ապա կատարվել է ոչ թե երեկոյան, երբ բոլորը հավաքված էին, այլ արդեն գիշերը կամ նույնիսկ առավոտյան կողմ, գիշերածներից մեկնումեկի կողմից։
 
— Ախ, աստվա՜ծ իմ։
 
— Բուրդովսկուն և Նիկոլայ Արդալիոնովիչին ես, բնականաբար, բացառում եմ, նրանք նույնիսկ չեն մտել իմ սենյակը։
 
— Այդ էր պակաս, եթե նույնիսկ մտած լինեին։ Ո՞վ է գիշերել ձեզ մոտ։
 
— Ինձ էլ հետները հաշված, գիշերել ենք չորս հոգի, երկու կից սենյակներում, ես, գեներալը, Կելլերը և պարոն Ֆերդիշչենկոն։ Նշանակում է, մեր չորսից մեկն է։
 
— Այսինքն՝ երեքից, բայց ո՞վ է։
 
— Ես ինձ էլ հաշվեցի արդարության և կարգի ու կանոնի համար. բայց համաձայնեցեք, իշխան, որ ես ինքս ինձնից գողանալ չէի կարող, թեև աշխարհում եղել են այդպիսի դեպքեր...
 
— Ախ, Լեբեդև, ինչ ձանձրալի է սա,— անհամբեր գոչեց իշխանը,— գործին անցեք, ի՞նչ եք ձգձգում...
 
— Նշանակում է, մնում են երեքը, և նախ և առաջ պարոն Կելլերը, անկայուն մարդ, հարբած մարդ և որոշ դեպքերում լիբերալ, այսինքն՝ գրպանի վերաբերյալ, իսկ մնացյալում, ավելի, այսպես ասած, հին ասպետական, քան թե լիբերալ հակումներով։ Նա սկզբում գիշերեց այստեղ, հիվանդի սենյակում, և հետո միայն գիշերը տեղափոխվեց մեզ մոտ այն պատրվակով, որ մերկ հատակը չոր է քնելու համար։
 
— Դուք նրա՞ն եք կասկածում։
 
— Կասկածում էի։ Երբ առավոտյան ժամը ութին գժի պես վեր թռա և ձեռքով ճակատիս խփեցի, ապա անմիջապես արթնացրի գեներալին, որը քնած էր անմեղության քնով։ Հաշվի առնելով Ֆերդիշչենկոյի տարօրինակ անհայտացումը, որը արդեն ինքնին մեր մեջ կասկած հարուցեց, մենք երկուսս էլ անմիջապես վճռեցինք խուզարկել Կելլերին, որը պառկել էր ինչպես... ինչպես... համարյա մեխի պես։ Խուզարկեցինք լիովին. գրպաններում ոչ մի սանտիմ և նույնիսկ ոչ մի գրպան չգտնվեց, որ ծակ չլիներ։ Մի քթի թաշկինակ կապույտ, վանդակավոր, բամբակե, անվայելուչ վիճակում։ Այնուհետև մի սիրային տոմսակ ինչ-որ աղախնուց, փողի պահանջով և սպառնալիքներով և ձեզ ծանոթ ֆելիետոնի պատառները։ Գեներալը վճռեց, որ անմեղ է։ Լիակատար տեղեկությունների համար մենք նրան արթնացրինք, բոթբթելով հոգիներս դուրս եկավ. հազիվ հասկացավ, թե բանն ինչ է. բերանը բաց է արել, տեսքը հարբած է, դեմքի արտահայտությունն անհեթեթ ու անմեղ, նույնիսկ հիմար, նա չէ։
 
— Դե, որքան ուրախ եմ,— ուրախացած շունչ քաշեց իշխանը,— ես նրանից էի վախենում։
 
— Վախենո՞ւմ էիք։ Նշանակում է, արդեն հի՞մք ունեիք դրա համար,— աչքերը կկոցեց Լեբեդևը։
 
— Օ ոչ, ես այնպես,— դեմ առավ իշխանը,— ես շատ հիմար ձևով ասացի, թե վախենում էի։ Բարի եղեք, Լեբեդև, ոչ ոքի չասեք...
 
— Իշխա՜ն, իշխա՜ն։ Ձեր խոսքերը իմ սրտումն են... Իմ սրտի խորքում։ Այնտեղ շիրիմ է...— ոգևորված ասաց Լեբեդևը, գլխարկը սրտին սեղմելով։
 
— Լավ, լավ... նշանակում է, Ֆերդիշչենկո՞ն է։ Այսինքն, ես ուզում եմ ասել, դուք Ֆերդիշչենկոյի՞ն եք կասկածում։
 
— Հապա էլ ո՞ւմ,— կամացուկ արտասանեց Լեբեդևը, ուշադիր նայելով իշխանին։
 
— Դե հա, հասկանալի է... հապա էլ ո՞ւմ... այսինքն, դարձյալ, ի՞նչ հանցանշաններ կան։
 
— Հանցանշաններ կան։ Նախ և առաջ առավոտյան ժամը յոթին կամ յոթից էլ առաջ անհայտանալը։
 
— Գիտեմ, Կոլյան ինձ ասաց, որ նա գնացել էր նրա մոտ և ասել, որ գնում է գիշերը լուսացնելու... մոռացա, թե ում մոտ, իր բարեկամի մոտ։
 
— Վիլկինի։ Նշանակում է, Նիկոլայ Արդալիոնովիչն արդեն ձեզ ասե՞լ է։
 
— Նա գողության մասին ոչինչ չի ասել։
 
— Նա չգիտի էլ, որովհետև ես առայժմ գործը գաղտնի եմ պահում։ Այդպես ուրեմն, գնում է Վիլկինի մոտ. թվում է, ի՞նչ զարմանալի բան կա, որ հարբած մարդը գնում է իր նման մի հարբածի մոտ, թեկուզև լույսը նոր բացված և առանց որևէ պատճառի։ Բայց ահա հենց այստեղ բացվում է հետքը. այստեղից գնալով, նա թողնում է հասցեն... Հիմա հետևեցեք, իշխան, հարց է առաջանում. նա ինչո՞ւ թողեց հասցեն... Ինչո՞ւ նա հատկապես անցնում է Նիկոլայ Արդալիոնովիչի մոտ, պտույտ է անում, և նրան հայտնում է, որ «իբր, գնում է Վիլկինի մոտ գիշերը այնտեղ լուսացնելու»։ Եվ ո՞վ պիտի հետաքրքրվի դրանով, որ նա գնում է և նույնիսկ հենց Վիլկինի մոտ։ Ի՞նչ կարիք կա հայտարարելու։ Չէ, այստեղ նրբություն կա, գողի նրբություն։ Դա նշանակում է. «Ահա, իբր, դիտմամբ չեմ թաքցնում հետքերս, դրանից հետո ես ի՞նչ գող եմ։ Մի՞թե գողը կհայտարարեր, թե ուր է գնում»։ Կասկածներն իրենից վանելու և, այսպես ասած, ավազի վրայից իր հետքերը ջնջելու ավելորդ հոգատարություն... Ինձ հասկացա՞ք, մեծարգո իշխան։
 
— Հասկացա, շատ լավ հասկացա, բայց չէ՞ որ դա քիչ է։
 
— Երկրորդ հանցանշանը, հետքը կեղծ է դուրս գալիս, իսկ տված հասցեն՝ ոչ ճիշտ։ Մի ժամ անց, այսինքն՝ ժամը ութին ես արդեն բախում էի Վիլկինի դուռը. նա այստեղ, հինգերորդ փողոցում է, և նույնիսկ ծանոթ է։ Ոչ մի Ֆերդիշչենկո չկար։ Չնայած բոլորովին խուլ աղախնից կարողացա իմանալ, որ մի ժամ առաջ իրոք մեկը դուռը բախել է և նույնիսկ բավական ուժեղ, այնպես որ նույնիսկ գանգն է պոկվել։ Բայց աղախինը բաց չի արել, չուզենալով արթնացնել պարոն Վիլկինին, իսկ գուցե և ինքն էլ չուզենալով տեղից վեր կենալ։ Այդպես լինում է։
 
— Եվ դրա՞նք են ձեր բոլոր հանցանշանները։ Դա քիչ է։
 
— Իշխան, բայց էլ ո՞ւմ կասկածեմ, դատեցեք,— սրտաշարժված եղրափակեց Լեբեդևը, և ինչ-որ խորամանկ բան փայլատակեց նրա ծաղրի մեջ։
 
— Մի անգամ էլ փնտրեիք սենյակներում և արկղներում,— մտահոգված արտասանեց իշխանը մի փոքր մտածմունքից հետո։
 
— Փնտրել եմ,— ավելի ևս սրտաշարժված հոգոց հանեց Լեբեդևը։
 
— Հըմ... և ինչո՞ւ, ինչո՞ւ փոխեցիք ձեր սերթուկը,— բացականչեց իշխանը, զայրացած թխկացնելով սեղանին։
 
— Հարց՝ մի հինավուրց կոմեդիայից։ Բայց, ամենաբարեհոգի իշխան։ Դուք արգեն ձեր սրտին շատ մոտիկ եք ընդունում իմ դժբախտությունը։ Ես դրան արժանի չեմ։ Այսինքն՝ միայն ես արժանի չեմ։ Բայց դուք տանջվում եք նաև հանցագործի համար... աննշան պարոն Ֆերդիշչենկոյի համար։
 
— Դե այո, այո, դուք իրոք ինձ մտահոգեցիք,— մտացրիվ ու գժգոհ նրա խոսքը կտրեց իշխանը։— Այսպես, ուրեմն, ի՞նչ եք մտադիր անել... եթե այդպես համոզված եք, որ Ֆերդիշչենկոն է։
 
— Իշխան, մեծարգո իշխան, ուրիշ էլ ո՞վ,— աճող խանդաղատանքով կուչուձիգ էր անում Լեբեդևը,— չէ՞ որ մի ուրիշի չլինելու հանգամանքը, որին կարելի լիներ կասկածել և, այսպես ասած, բացի պարոն Ֆերդիշչենկոյից, ուրիշ որևէ մեկին կասկածելու լիակատար անհնարինությունը, չէ՞ որ սա էլ, այսպես ասած, մի հանցանշան է պարոն Ֆերդիշչենկոյի դեմ, արդեն երրորդ հանցանշանը։ Որովհետև, դարձյալ՝ հապա էլ ո՞վ։ Հո պարոն Բուրդովսկուն չե՞մ կասկածելու, հի՜-հի՜-հի՜։
 
— Դե, ի՞նչ դատարկ բան։
 
— Վերջապես հո գեներալին չե՞մ կասկածելու, հի՛-հի՛-հի՛։
 
— Ի՞նչ անհեթեթ բան,— գրեթե բարկացած ասաց իշխանը, անհամբեր շրջվելով տեղում։
 
— Իհարկե անհեթե՜թ բան։ Հի՜-հի՜-հի՜։ Եվ այ թե ծիծաղս բերեց մարդը, այսինքն՝ գեներալը։ Նրա հետ քիչ առաջ թարմ հետքերով գնում ենք Վիլկինի մոտ... իսկ պետք է ձեզ ասեմ, որ գեներալն ինձնից ավելի էր ապշած, երբ ես կորուստից հետո առաջին հերթին նրան արթնացրի, նույնիսկ այնպես, որ դեմքն այլայլվեց, կարմրեց, գունատվեց և, վերջապես, հանկարծ այնպիսի դաժան ու ազնիվ զայրույթով բռնկվեց, որ ես նույնիսկ չէի սպասում այդ աստիճան։ Ազնվագո՜ւյն մարդ է։ Նա անընդհատ ստում է, թուլությունից, բայց բարձրագույն զգացմունքների տեր մարդ է, ընդսմին սակավամիտ մարդ է, իր անմեղությամբ լիակատար վստահություն ներշնչող մարդ։ Ես ձեզ արդեն ասել եմ, մեծարգո իշխան, որ ոչ միայն թուլություն ունեմ նրա նկատմամբ, այլ նույնիսկ սեր եմ տածում։ Հանկարծ կանգ է առնում փողոցի մեջտեղում, արձակում է սերթուկը, կուրծքը բաց անում, «Խաղարկիր ինձ, ասում է, դու Կելլերին խուզարկեցիր, ինչո՞ւ ինձ չես խուզարկում։ Այդ է պահանջում, ասում է, արդարությունը»։ Ձեռքերն ու ոտքերը դողում են, նույնիսկ բոլորովին գույնը գցեց, այնպես ահեղ տեսք ունի։ Ես ծիծաղեցի և ասում եմ. «Լսիր, ասում եմ, գեներալ, եթե մեկ ուրիշն ասեր ինձ քո մասին, ես տեղնուտեղը սեփական ձեոքերով գլուխս կկտրեի, կդնեի մի մեծ սկուտեղի վրա և անձամբ, սկուտեղի վրա կմատուցեի բոլոր կասկածողներին. «Ահա, իբր, տեսնո՞ւմ եք այս գլուխը, ահա ուրեմն այս սեփական գլխովս կերաշխավորեմ նրա համար, և ոչ միայն գլուխս կկտրեմ, այլ նույնիսկ կրակը կնետվեմ»։ Ահա, ասում եմ, ինչպես եմ պատրաստ երաշխավորել քեզ համար»։ Այստեղ նա նետվեց իմ գիրկը, բոլորը փողոցի մեջտեղում, լացակումեց, դողում է, և այնպես ամուր սեղմեց իր կրծքին, որ նույնիսկ հազիվ շունչս ետ բերի. «Դու, ասում է, միակ բարեկամն ես, որ մնացել ես ինձ դժբախտություններիս մեջ»։ Զգայո՜ւն մարդ է։ Դե, հասկանալի է, հենց այդտեղ ճանապարհին ի դեպ մի անեկդոտ պատմեց այն մասին, թե իբր նրան էլ մի անգամ դեռ երիտասարդ, ժամանակ կասկածել են հինգ հարյուր հազար ռուբլու գողության մեջ, բայց որ նա հաջորդ իսկ օրը նետվել է վառվող տան բոցերի մեջ և կրակից դուրս է բերել իրեն կասկածող կոմսին և Նինա Ալեքսանդրովնային, որը դեռ օրիորդ էր։ Իշխանը գրկել է Իվոլգինին, և այդպիսով կայացել է նրա ամուսնությունը Նինա Ալեքսանդրովնայի հետ, իսկ հենց հաջորդ օրը հրդեհի փլատակներում գտել են և կորած փողերով արկղիկը. արկղիկը երկաթե էր, անգլիական կառուցվածքի, գաղտնի փականքով, և ինչ-որ ձևով հատակի տակն է գլորվել, այնպես որ ոչ ոք չի նկատել, և միայն այդ հրդեհի շնորհիվ է գտնվել։ Կատարյա՜լ սուտ։ Բայց երբ սկսեց Նինա Ալեքսանդրովնայի մասին խոսել, նույնիսկ թնկթնկաց։ Ազնվագույն անձնավորություն է Նինա Ալեքսանդրովնան, թեպետև բարկացած է ինձ վրա։
 
— Դուք ծանոթ չե՞ք։
 
— Համարյա թե ոչ, բայց ամբողջ հոգով կցանկանայի, թեկուզ միայն նրա համար, որ արդարանայի նրա առաջ։ Նինա Ալեքսանդրովնան ինձնից նեղացած է, որ իբր թե հիմա ես հարբեցողությամբ այլասերում եմ նրա ամուսնուն։ Բայց ես ոչ միայն չեմ այլասերում, այլ ավելի շուտ զսպում եմ նրան, ես նրան, կարող է պատահել, հեռու եմ պահում ամենակործանարար կամպանիայից։ Ըստ որում նա իմ բարեկամն է, և, խոստովանում եմ, հիմա արդեն չեմ լքի նրան, այսինքն՝ նույնիսկ առանց այդ էլ, ուր որ նա է գնում, ես էլ այնտեղ, որովհետև նրան միայն զգայնությամբ կարող ես հաղթել։ Հիմա նա նույնիսկ բոլորովին չի գնում իր կապիտանուհու մոտ, թեկուզև թաքուն ձգտում է դեպի նա, հատկապես ամեն առավոտ, երբ վեր է կենում և սապոգներն է հագնում, չգիտեմ թե ինչու հատկապես այդ ժամանակ։ Նա փող չունի, իսկ այդ կնոջ մոտ առանց փողի ոչ մի կերպ չի կարելի։ Նա ձեզնից փող չի՞ խնդրել, մեծարգո իշխան։
 
— Ոչ, չի խնդրել։
 
— Ամաչում է։ Նա մտադիր էլ էր. նույնիսկ ինձ խոստովանեց, որ ուզում է ձեզ անհանգստացնել, բայց ամաչկոտ է, որովհետև դուք դեռ նորերս էիք նրան փող տվել, և բացի այդ, ենթադրում է, որ չեք տա. նա, ինչպես բարեկամի, իմ առաջ սիրտը բացեց։
 
— Իսկ դուք նրան փող չե՞ք տալիս։
 
— Իշխա՜ն։ Մեծարգո իշխան։ Ոչ միայն փող, այլ այդ մարդու համար ես, այսպես ասած, նույնիսկ կյանքս... ասենք, ոչ, չեմ ուզում չափազանցնել, կյանքս չէ, բայց եթե, այսպես ասած, տենդ, մի որևէ պալար կամ նույնիսկ հազ լինի, աստված վկա, պատրաստ եմ տանել, եթե միայն շատ մեծ կարիք լինի, որովհետև նրան համարում եմ մեծ, բայց կորա՜ծ մարդ։ Ահա՛. ոչ միայն փող։
 
— Նշանակում է, փող տալի՞ս եք։
 
— Ո-ոչ. ես փող չեմ տվել և նա ինքն էլ գիտի, որ չեմ տա, բայց չէ՞ որ միմիայն նրան զսպելու և ուղղելու նպատակով։ Հիմա ինձ պոչ է եղել, որ հետս գա Պետերբուրգ. ախր ես Պետերբուրգ գնում եմ, որպեսզի պարոն Ֆերդիշչենկոյին գտնեմ ամենաթարմ հետքերով, որովհետև հաստատ գիտեմ, որ նա արդեն այնտեղ է։ Իմ գեներալն ուղղակի եռ է գալիս, բայց կասկածում եմ, որ Պետերբուրգում ինձնից կծլկի, որպեսզի այցելի կապիտանի այրուն։ Խոստովանում եմ, նույնիսկ դիտմամբ նրան մոտիցս բաց կթողնեմ, ինչպես և արդեն պայմանավորվել ենք տեղ հասնելուն պես իսկույն բաժանվել տարբեր կողմեր, որպեսզի ավելի հարմար որսանք պարոն Ֆերդիշչենկոյին։ Ահա, ուրեմն, նրան բաց կթողնեմ, իսկ հետո հանկարծ, անսպասելի, նրան կբռնեմ կապիտանի այրու մոտ, իսկապես ասած, նրան ամաչեցնելու համար, որպես ընտանիքավոր մարդու և որպես մարդու առհասարակ ասած։
 
— Միայն թե աղմուկ չանեք, Լեբեդև, ի սեր աստծու, աղմուկ չանեք,— կիսաձայն և սաստիկ անհանգտությամբ ասաց իշխանը։
 
— Օ, ոչ, իսկապես ասած, միայն ամաչեցնելու և տեսնելու համար, թե ինչ դեմք ցույց կտա, որովհետև դեմքից շատ բան կարելի է եզրակացնել, մեծարգո իշխան, և հատկապես այդպիսի մարդու դեմքից։ Ախ, իշխան, թեև մեծ է իմ սեփական դժբախտությունը, բայց նույնիսկ հիմա չեմ կարող չմտածել նրա մասին և նրա բարոյականությունն ուղղելու մասին։ Մի մեծ խնդիրք ունեմ ձեզ, մեծարդո իշխան, նույնիսկ, խոստովանում եմ, ճիշտն ասած, հենց դրա համար էլ եկել եմ. նրա տան հետ դուք արդեն ծանոթ եք և նույնիսկ ապրել եք նրանց մոտ. ուստի եթե դուք, ամենաբարեհոգի իշխան, վճռեիք դրանում ինծ օժանդակել, իսկապես ասած, միմիայն գեներալի համար և նրա երջանկության համար...
 
Լեբեդևը նույնիսկ ձեռքերը միացրեց, ասես աղերսելով։
 
— Իսկ ի՞նչ է։ Ի՞նչ ձևով օժանդակեմ։ Համոզված եղեք, որ ես շատ եմ ուզում ձեզ լիովին հասկանալ, Լեբեդև։
 
— Միմիայն այդ համոզմամբ էլ ներկայացա ձեզ մոտ։ Նինա Ալեքսանդրովնայի միջոցով կարելի կլիներ ներգործել, շարունակ դիտելով ու, այսպես ասած, հետևելով նորին գերազանցությանը, նրա սեփական ընտանիքի ընդերքում։ Ես, դժբախտաբար, ծանոթ չեմ... ընդսմին այստեղ հավանաբար կարող էր օգնել նաև Նիկոլայ Արդալիոնովիչը, որը ձեզ պաշտում է, այսպես ասած, իր մատաղ հոգու ամբողջ ընդերքով...
 
— Ո-ոչ... Նինա Ալեքսանդրովնային խառնել այդ գործին... աստված մի արասցե՜։ Եվ Կոլյային էլ... ասենք, գուցե ես դեռ չեմ էլ հասկանում ձեզ, Լեբեդև։
 
— Դե այստեղ իսկի հասկանալու բան էլ չկա,— աթոռի վրա նույնիսկ վեր թռավ Լեբեդևը։ Միայն, միայն զգայնություն ու քնքշություն, ահա ամբողջ դեղը մեր հիվանդի համար։ Դուք, իշխան, ինձ թույլ տալի՞ս եք նրան հիվանդ համարել։
 
— Դա նույնիսկ ցույց է տալիս ձեր նրբավարությունն ու խելքը։
 
— Ձեզ բացատրեմ օրինակով, որ պարզության համար վերցված է պրակտիկայից։ Տեսնո՞ւմ եք, դա ինչպիսի մարդ է. նա հիմա այստեղ մի թուլություն ունի դեպի այդ կապիտանի այրին, որի մոտ չի կարող ներկայանալ առանց փողի և որի մոտ ես այսօր մտադիր եմ բռնել նրան, նրա իսկ երջանկության համար, բայց ենթադրենք, որ միայն կապիտանի այրին չլիներ, այլ նա նույնիսկ իսկական հանցանք գործեր, դե, ասենք մի որևէ ամենաանազնիվ զանցանք (թեև նա լիովին անընդունակ է դրան), ապա այն ժամանակ էլ, ասում եմ, նրա հետ միմիայն, այսպես ասած, ազնիվ քնքշությամբ ամեն ինչի կհասնես, որովհետև շատ զգայուն մարդ է։ Հավատացեք, որ հինգ օր էլ չի դիմանա, ինքը խոսք կթռցնի, լաց կլինի և ամեն ինչ կխոստովանի, և հատկապես, եթե գործելու լինենք ճարպիկ ու ազնիվ, ընտանիքի և ձեր հսկողության միջոցով, նրա բոլոր, այսպես ասած, գծերի ու քայլերի վրա... օ, ամենաբարեհոգի իշխան,— վեր թռավ Լեբեդևը, նույնիսկ մի տեսակ ոգևորությամբ,— ես ախր չեմ էլ պնդում, որ նա հավանաբար... Ես, այսպես ասած, պատրաստ եմ թեկուզ հիմա ամբողջ արյունս հեղել նրա համար, թեև համաձայնեցեք, որ անզսպությունն ու հարբեցողությունը, և կապիտանի այրին, և այդ բոլորը միասին վերցըրած կարող են ամեն ինչի հասցնել։
 
— Այդպիսի նպատակի ես, իհարկե, միշտ պատրաստ եմ օժանդակելու,— ասաց իշխանը, վեր կենալով- միայն խոստովանում եմ ձեզ, Լեբեդև, ես սարսափելի անհանգստացած եմ. ասացեք, չէ՞ որ դուք դեռևս... մի խոսքով, դուք ինքներդ եք ասում, որ կասկածում եք պարոն Ֆերդիշչենկոյին։
 
— Հապա էլ ո՞ւմ, հապա էլ ո՞ւմ, ամենաանկեղծ իշխան,— նորից սրտառուչ ձեռները կրծքին սեղմեց Լեբեդևը, գորովալից ժպտալով։
 
Իշխանը խոժոռվեց և տեղից վեր կացավ։
 
— Գիտե՞ք ինչ, Լուկյան Տիմոֆեիչ, այստեղ սարսափելի բան է սխալվելը։ Այդ Ֆերդիշչենկոն... Ես չէի ուզենա նրա մասին վատ բան ասել... Բայց այդ Ֆերդիշչենկոն... այսինքն՝ ո՞վ գիտե, կարող է պատահել, որ նա է... Ես ուզում եմ ասել, որ, գուցե, նա իսկապես էլ ավելի է ընդունակ դրան, քան... քան թե մեկ ուրիշը։
 
Լեբեդևը սրեց աչքերն ու ականջները։
 
— Գիտե՞ք ինչ,— ավելի ու ավելի էր խճճվում և խոժոռվում իշխանը, սենյակում անցուդարձ անելով և աշխատելով չնայել Լեբեդևին,— ինձ հայտնեցին... ինձ ասացին պարոն Ֆերդիշչենկոյի մասին, որ իբր թե, բացի ամեն ինչից, այնպիսի մարդ է, որի ներկայությամբ պետք է խուսափել և ոչ մի... ավելորդ բան չասել, հասկանո՞ւմ եք։ Ես նրա համար եմ ասում, որ գուցե իսկապես էլ նա ավելի ընդունակ է, քան մեկ ուրիշը... որպեսզի չսխալվեմ, ահա թե ինչն է գլխավորը, հասկանո՞ւմ եք։
 
— Իսկ դա ձեզ ո՞վ է հայտնել պարոն Ֆերդիշչենկոյի մասին,— ուղղակի վրա ընկավ Լեբեդևը։
 
— Այնպես, ինձ կամացուկ ասացին։ Ասենք, ես ինքս դրան չեմ հավատում... Ես շատ ափսոսում եմ, որ ստիպված եղա սա հայտնել, հավատացնում եմ ձեզ, ես ինքս էլ դրան չեմ հավատում... դա որևէ ցնդաբանություն կլինի... Թո՛ւ, ինչ հիմար բան արեցի ես։
 
— Գիտե՞ք ինչ, իշխան,— նույնիսկ ամբողջ մարմնով դողալ սկսեց Լեբեդևը,— դա կարևոր է, դա հիմա չափազանց կարևոր է, այսինքն՝ ոչ թե պարոն Ֆերդիշչենկոյի վերաբերյալ, այլ այն բանի, թե ձեզ ինչպես է հասել այդ լուրը։ (Այդ ասելիս Լեբեդևը իշխանի հետևից ետ ու առաջ էր վազում, ջանալով նրան համընթաց քայլել)։ Ահա թե ես էլ հիմա ինչ կհայտնեմ, իշխան, քիչ առաջ գեներալը, երբ նրա հետ գնում էի այդ Վիլկինի մոտ, նրանից հետո, երբ ինձ պատմեց հրդեհի մասին և, հասկանալի է, զայրույթից եռալով, հանկարծ սկսեց ինձ ակնարկել նույն բանը պարոն Ֆերդիշչենկոյի մասին, բայց այնպես անկապ ու կցկտուր, որ ես ակամա նրան մի քանի հարց տվի և դրա հետևանքով լիովին համոզվեցի, որ այդ ամբողջ լուրը լոկ նորին գերազանցության ներշնչանքն է... իսկապես որ, այսպես ասած, լոկ բարեհոգությունից դրդված։ Որովհետև նա սուտն էլ ասում է միմիայն նրա համար, որ չի կարող զսպել խանդաղատանքը։ Հիմա բարեհաճում եք տեսնել, եթե նա սուտ է ասել, իսկ ես դրանում համոզված եմ, ապա ի՞նչ ձևով կարող էիք դուք ևս իմանալ։ Հասկացեք, իշխան, ախր դա նրա մեջ րոպեի ներշնչանք էր, ապա, նշանակում է, ձեզ ո՞վ հայտնեց։ Դա կարևոր է և... այսպես ասած...
 
— Դա նոր ինձ Կոլյան ասաց, իսկ նրան ասել էր հայրը, որին նա հանդիպել էր ժամը վեցին, վեցից անց, հաշտում, երբ ինչ֊որ բանի համար դուրս էր եկել։
 
Եվ իշխանը մանրամասն ամեն ինչ պատմեց։
 
— Դե, ահա, սա հենց կոչվում է հետք,— ձեռները շփելով անձայն ծիծաղում էր Լեբեդևը,— ես այդպես էլ կարծում էի։ Դա նշանակում է, որ նորին գերազանցությունը հատկապես ընդհատել է իր անմեղ քունը ժամը վեցը չեղած, որպեսզի գնա արթնացնի սիրելի որդուն և հայտնի պարոն Ֆերդիշչենկոյի հարևանության արտակարգ վտանգավորությունը։ Դրանից հետո ինչպիսի՜ վտանգավոր մարդ է պարոն Ֆերդիշչենկոն, և ինչպիսի՜ն է նորին գերազանցության ծնողական անհանգստությունը։ Հի՜-հի՜-հի՜։
 
— Լսեցեք, Լեբեդև,— վերջնականապես շփոթվեց իշխանը,— լսեցեք, գործեցեք կամացուկ։ Աղմուկ մի հանեք։ Ես ձեզ խնդրում եմ, Լեբեդև, ես ձեզ աղաչում եմ... Այդ դեպքում, երդվում եմ, կօժանդակեմ ձեզ, բայց պայմանով, որ ոչ ոք չիմանա, պայմանով, որ ոչ ոք չիմանա։
 
— Համոզված եղեք, ամենաբարեհոգի, ամենաանկեղծ և ազնվագույն իշխան,— գոչեց Լեբեդևը կատարյալ ոգեշնչմամբ — համողված եղեք, որ ամբողջ սույնը կմեռնի իմ ազնվագույն սրտում։ Կամացուկ քայլերով, միասի՜ն։ Կամացուկ քայլերով, միասի՜ն։ Ախր ես նույնիսկ ամբողջ արյունս... ամենապայծառափայլ իշխան, ես ստոր եմ թե՛ հոգով, թե՛ ոգով, բայց հարցրեք ամեն մի նույնիսկ սրիկայի, ոչ միայն ստոր մարդու. նրա համար ավելի լավ է ո՞ւմ հետ գործ ունենալ, արդյոք իր նման մի սրիկայի, թե ձեզ նման ամենաազնվագույն մարդու հետ, ամենաանկեղծ իշխան։ Նա կպատասխանի, որ ամենաազնվագույն մարդու հետ, և դրանում է առաքինության հաղթանակը։ Ցտեսություն, մեծարգո՜ իշխան։ Կամացուկ քայլերով... կամացուկ քայլերով և... միասին։
=== X ===
=== XI ===Իշխանը վերջապես հասկացավ, թե ինչու էր ամեն անգամ սարսռում, երբ դիպչում էր այդ երեք նամակին, և ինչու մինչև երեկո շարունակ հեռացնում էր դրանք կարդալու րոպեն։ Երբ նա դեռ այն ժամանակ առավոտյան ծանր քնով քնեց իր թախտին, դեռ շարունակ չհամարձակվելով բացել այդ ծրարներից մեկնումեկը, նա նորից ծանր երազ տեսավ, և նորից նրա երազն եկավ միևնույն «ճրագործուհին»։ Նա նորից նայում էր իշխանին երկար արտևանունքների վրա շողացող արցունքներով, նորից նրան կանչում էր իր հետևից, և նորից իշխանը զարթնեց, ինչպես այն ժամանակ, տառապանքով հիշելով նրա դեմքը։ Իշխանն ուզեց նրա մոտ գնալ անմիջապես, բայց չէր կարող, վերջապես, գրեթե հուսահատ, բացեց նամակները և սկսեց կարդալ։
Այդ նամակներն էլ նման էին երազի։ Երբեմն մարդ տարօրինակ, անհնար ու անբնական երազներ է տեսնում. արթնանալով, դրանք պարզ մտաբերում է և զարմանում տարօրինակ փաստի վրա. ամենից առաջ դուք հիշում եք, որ գիտակցությունը ձեզ չէր լքել ձեր երազատեսության ամբողջ ընթացքում. նույնիսկ մտաբերում եք, որ դուք գործում էիք չափազանց խորամանկ ու տրամաբանորեն այդ ամբողջ երկար, երկար ժամանակ, երբ ձեզ շրջապատել էին մարդասպանները, երբ նրանք խորամանկում էին, թաքցնում իրենց մտադրությունը, ձեզ հետ վարվում էին բարեկամաբար, մինչդեռ նրանց մոտ զենքը արդեն պատրաստի վիճակում էր և նրանք սպասում էին լոկ որևէ նշանի. դուք մտաբերում եք, թե վերջապես ինչ խորամանկությամբ նրանց խաբեցիք, թաքնվեցիք նրանցից, հետո դուք գլխի ընկաք, որ նրանք անգիր գիտեն ձեր ամբողջ խաբեությունը, և միայն ձեզ ցույց չեն տալիս, որ գիտեն, թե դուք որտեղ եք թաքնվել, բայց դուք նորից խորամանկեցիք ու խաբեցիք նրանց, այդ բոլորը դուր պարզ մտաբերում եք։ Բայց ինչո՞ւ միևնույն ժամանակ ձեր բանականաթյունը կարող է հաշտվել այդպիսի ակներև անհեթեթությունների ու անհնարինությունների հետ, որոնցով, ի դեպ, լի էր ձեր երազը։ Ձեր մարդասպաններից մեկը ձեր աչքի առաջ դարձավ կին, իսկ կնոջից վերափոխվեց փոքրիկ, խորամանկ, զզվելի գաճաճի, և դուք իսկույն դա հնարավոր համարեցիք, որպես կատարված փաստ, գրեթե առանց նվազագույն տարակուսանքի, և հենց բուն այն ժամանակ, երբ մյուս կողմից ձեր բանականությրւնը ամենասաստիկ լարված վիճակում էր, դրսևորում էր արտասովոր ուժ, խորամանկություն, կռահելու ընդունակություն, տրամաբանություն։ Ինչո՞ւ նաև, քնից արթնանալով ու արդեն լիովին մտնելով իրականություն, գրեթե ամեն անգամ զգում եք, երբեմն էլ նույնիսկ արտասովոր ուժեղ տպավորված, որ քնի հետ մեկտեղ դուք թողնում եք ձեզ համար չպարզաբանված մի բան։ Դուք քմծիծաղում եք ձեր երագի վրա և միևնույն ժամանակ զգում եք, որ այդ անհեթեթությունների միահյուսման մեջ պարունակվում է ինչ֊որ միտք, բայց արդեն իրական միտք, ձեր իրական կյանքին վերաբերող մի բան, մի բան, որ գոյություն ունի և միշտ գոյություն է ունեցել ձեր սրտում. կարծես թե ձեր երազով ձեզ մի նոր, մարգարեական բան է ասվել, որին դուք սպասում էիք. ձեր տպավորությունն ուժեղ է, դա ուրախալի կամ տանջալի է, բայց թե ինչումն է կայանում և ձեզ ինչ է ասված եղել այդ ամենը դուք չեք կարող ոչ հասկանալ, ոչ մտաբերել։ Գրեթե նույն բանն էր և այդ նամակներից հետո։ Բայց դեռ նամակները բաց չարած, իշխանն զգաց, որ դրանց գոյության և հնարավորության փաստն ինքնին արդեն նման է կոշմարի։ Ինչպե՞ս է համարձակվել ''նա'' գրել ''նրան'', հարցնում էր իշխանը, երեկոյան մենակ թափառելով (երբեմն նույնիսկ ինքն էլ չհիշելով, թե որտեղ է շրջում)։ Ինչպե՞ս կարող էր նա գրել ''դրա'' մասին, և ինչպե՞ս կարող էր նրա գլխում այդպիսի խելահեղ ցնորք ծագել։ Բայց այդ ցնորքն արդեն իրականացված էր, և իշխանի համար ամենազարմանալին այն էր, որ մինչև ինքը կարդում էր այդ նամակները, նա ինքը գրեթե հավատում էր այդ ցնորքի հնարավորությանը և նույնիսկ արդարացմանը։ Այո, իհարկե, դա երազ էր, կոշմար և խելահեղություն. բայց հենց այդտեղ էլ պարունակվում էր մի այնպիսի բան, որը տանջալիորեն իրական էր և տառապալից-արդարացի, որն արդարացնում էր և՛ երազը, և՛ կոշմարը, և՛ խելահեղությունը։ Մի քանի ժամ իրար վրա իշխանը կարծես զառանցում էր այն, ինչ կարդացել էր, րոպեն մեկ հատվածներ էր մտաբերում, կանգ էր առնում դրանց վրա, խորամուխ էր լինում դրանց մեջ։ Երբեմն նույնիսկ ուզում էր ինքն իրեն ասել, որ այդ ամենը ինքը նախազգում ու կանխագուշակում էր առաջ, նույնիսկ նրան թվում էր, որ կարծես թե այդ ամենը նա արդեն կարդացել էր մի ժամանակ, վաղուց-վաղուց, և այն ամենը, ինչի մասին նա թախծում էր այն ժամանակից ի վեր, այն ամենը, որից տանջվում ու վախենում էր, այդ ամենը պարփակվում էր իր կողմից վաղուց կարդացված այդ նամակներում։ «Երբ բաց անեք այս նամակը (այդպես էր սկսվում առաձին ուղերձը), ամենից առաջ նայեցեք ստորագրությանը։ Ստորագրությունը ձեզ ամեն ինչ կասի և ամեն ինչ կպարզաբանի, այնպես որ ձեր առաջ արդարանալու և ձեզ պարզաբանելու ոչինչ չունեմ։ Եթե գեթ ինչ-որ չափով ձեզ հավասար լինեի, դուք դեռ կկարողանայիք վիրավորվել այսպիսի հանդգնությունից, բայց ո՞վ եմ ես, և ո՞վ եք դուք։ Մենք երկու այնպիսի հակապատկերներ ենք, և ես ձեր համեմատությամբ այն աստիճան արտակարգ բան եմ, որ նույնիսկ ոչ մի ձևով չեմ կարող ձեզ վիրավորել, եթե նույնիսկ ուզենայի»։ Այնուհետև մի այլ տեղ նա գրում է. «Իմ խոսքերը մի համարեք հիվանդ երևակայության հիվանդագին հիացում. բայց դուք ինձ համար կատարելություն եք։ Ես ձեզ տեսել եմ, ես ձեզ տեսնում եմ ամեն օր։ Չէ՞ որ ես ձեզ չեմ դատում, ես դատողությամբ չեմ հասել այն մտքին, թե դուք կատարելություն եք. ես ուղղակի հաստատապես հավատացած եմ։ Բայց իմ մեջ նաև մեղք կա ձեր առաջ. ես ձեզ սիրում եմ։ Չէ՞ որ կատարելությունը չի կարելի սիրել, կատարելությանը կարելի է նայել միայն ինչպես կատարելության, այնպես չէ՞։ Այնինչ ես ձեզ սիրահարված եմ։ Թեև սերը հավասարեցնում է մարդկանց, բայց մի անհանգստացեք, ես ձեզ չեմ հավասարեցրել ինձ, նույնիսկ ամենաթաքուն մտքումս։ Ես ձեզ գրել եմ «մի անհանգստացեք». մի՞թե դուք կարող եք անհանգստանալ... Եթե կարելի լիներ, ես կհամբուրեի ձեր ոտների հետքերը։ Օ, ես չեմ հավասարվում ձեզ հետ... նայեցեք ստորագրությանը, շուտով նայեցեք ստորագրությա՜նը»։ «Սակայն, ես նկատում եմ (գրում էր նա մյուս նամակում ), որ ձեզ միացնում եմ նրա հետ և դեռ ոչ մի անգամ չեմ հարցրել, թե արդյոք սիրո՞ւմ եք նրան։ Նա սիրեց, միայն մեկ անգամ տեսնելով ձեզ։ Նա ձեր մասին մտաբերում է ինչպես «լույսի» մասին, սա նրա սեփական խոսքերն են, ես նրանից եմ լսել դրանք։ Բայց ես առանց խոսքերի էլ հասկացա, որ դուք նրա համար լույս եք։ Ես մի ամբողջ ամիս ապրեցի նրան մոտիկ և այդտեղ հասկացա, որ դուք էլ նրան եք սիրում, դուք և նա ինձ համար մի բան եք»։ «Այդ ինչո՞ւ (գրում է նա էլի) երեկ ես անցա ձեր մոտով, և դուք կարծես թե շիկնեցիք։ Չի՛ կարող պատահել, դա ինձ այդպես թվաց։ Եթե ձեզ տանեն նույնիսկ ամենակեղտոտ մի որջ և ցույց տան մերկացած արատը, այն ժամանակ էլ դուք չպետք է շիկնեք. դուք ոչ մի դեպքում չեք կարող զայրանալ վիրավորանքի պատճառով. դուք կարող եք ատել բոլոր անարգներին ու ստորներին, բայց ոչ ձեզ համար, այլ ուրիշների, նրանց, ում այդ անարգները վիրավորում են։ Իսկ ձեզ ոչ ոք չի կարող վիրավորել։ Գիտե՞ք, ինձ թվում է, որ դուք նույնիսկ պետք է սիրեք ինձ. ինձ համար դուք նույնն եք, ինչ որ նրա համար. լուսավոր ոգի. հրեշտակը չի կարող ատել, չի կարող և չսիրել։ Արդյոք կարելի՞ է սիրել բոլորին, բոլոր մարդկանց, իր բոլոր մերձավորներին, ես հաճախ եմ այս հարցը տվել ինձ։ Իհարկե ոչ, և նույնիսկ անբնական է։ Դեպի մարդկությունը տածած վերացական սիրո մեջ սիրում ես գրեթե միմիայն քեզ։ Բայց սա մեզ համար անհնար է, իսկ դուք այլ բան եք. ինչպե՞ս կարող էիք դուք չսիրել թեկուզ որևէ մեկին, երբ ձեզ ոչ ոքի հետ չեք կարող համեմատել և երբ դուք վեր եք ամենայն վիրավորանքից, վեր եք ամենայն անձնական զայրույթից։ Մենակ դուք կարող եք սիրել առանց էգոիզմի, մենակ դուք կարող եք սիրել ոչ թե անձամբ ձեզ համար, այլ նրա համար, որին սիրում եք։ Օ, որքան դառն կլիներ ինձ համար իմանալ, որ դուք իմ պատճառով ամոթ կամ զայրույթ եք զգում։ Այստեղ ձեր կործանումն է. դուք միանգամից կհավասարվեք ինձ... Երեկ, ձեզ հանդիպելով, տուն եկա և մի պատկեր հնարեցի։ Քրիստոսին բոլորը նկարում են ըստ ավետարանական ավանդությունների. ես այլ կերպ կնկարեի. ես նրան կպատկերեի մենակ, չէ՞ որ աշակերտները երբեմն թողնում էին նրան մենակ։ Ես նրա հետ կթողնեի մենակ մի փոքրիկ երեխայի։ Երեխան խաղում էր նրա մոտ. գուցե նրան որևէ բան էր պատմում իր մանկական լեզվով, Քրիստոս նրան լսում էր, բայց հիմա խորասուզվել է մտքերի մեջ. նրա ձեռքը ակամա, մոռացությամբ, մնացել է մանկան խարտյաշ գլխին։ Նա նայում է հեռուն, հորիզոնին. ամբողջ աշխարհի պես մի մեծ խոհ հանգչում է նրա հայացքում, դեմքը տխուր է։ Երեխան լռել է, հենվել Քրիստոսի ծնկներին և, թաթիկը թշին նեցուկ արած, գլխիկը բարձրացրել է վեր և մտածկոտ, ինչպես երբեմն երեխաներն են մտասուզվում, ուշադիր նայում է նրան։ Արևը մայր է մտնում... Ահա իմ պատկերը։ Դուք անմեղ եք, և ձեր ամբողջ կատարելությունը ձեր անմեղության մեջ է։ Օ, հիշեցեք միայն դա։ Ի՞նչ գործ ունեք ձեր նկատմամբ ունեցած իմ կրքի հետ։ Դուք հիմա արդեն իմն եք, ես ամբողջ կյանքիս ընթացքում ձեր կողքին կլինեմ... Ես շուտով կմեռնեմ»։ Վերջապես, ամենավերջին նամակում գրված էր. «Ի սեր աստծու, իմ մասին ոչինչ չմտածեք. մի մտածեք նաև, որ ես ինձ ստորացնում եմ նրանով, որ այսպես եմ գրում ձեզ, և կամ որ ես պատկանում եմ այնպիսի էակների թվին, որոնց համար հաճույք է իրենց ստորացնելը, նույնիսկ թեկուզ հպարտությունից։ Ոչ, ես իմ մխիթարություններն ունեմ. բայց ինձ համար դժվար է դա ձեզ բացատրելը։ Ես կդժվարանայի նույնիսկ ինքս ինձ ասել դա պարզորեն, թեև ես տանջվում եմ դրանից։ Բայց ես գիտեմ, որ չեմ կարող ինձ ստորացնել նույնիսկ հպարտության նոպայից դրդված։ Իսկ սրտի մաքրության պատճառով ինքնաստորացման ես ընդունակ չեմ։ Ուստի, նշանակում է, ես բոլորովին չեմ ստորացնում ինձ։ Ինչո՞ւ եմ ուզում ձեզ միացնել. ձե՞զ համար, թե ինձ համար։ Ինձ համար, հասկանալի է. այստեղ բոլոր թույլտվություններն իմն են, ես այդպես եմ ասել ինքս ինձ վաղուց... Ես լսել եմ, որ ձեր քույրը՝ Ադելաիդան, այն ժամանակ իմ դիմանկարի մասին ասել է, որ այսպիսի գեղեցկությամբ կարելի է աշխարհը շուռ տալ։ Բայց ես հրաժարվեցի աշխարհից. ձեզ համար ծիծաղելի է այս լսել ինձնից, հանդիպելով ինձ ժանյակներով ու գոհարներով զարդարված, հարբեցողների ու անպիտանների հետ. դրան մի նայեք, ես գրեթե արդեն գոյություն չունեմ, ես այդ գիտեմ, աստված գիտի, թե իմ փոխարեն ինչ է ապրում իմ մեջ։ Ես ամեն օր դա կարդում եմ երկու սարսափելի աչքերի մեջ, որոնք շարունակ նայում են ինձ, նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք իմ առաջ չեն։ Այդ աչքերը հիմա ''լռում'' են (նրանք շարունակ լուռ են), բայց ես դիտեմ նրանց դաղտնիքը։ Նրա տունը մռայլ է, ձանձրալի, և նրանում էլ գաղտնիք կա։ Ես համոզված եմ, որ նրա արկղում թաքցրած է մետաքսի մեջ փաթաթած ածելի, ինչպես այն Մոսկվայի մարդասպանի մոտ. նա էլ ապրում էր մոր հետ նույն տանը և նույնպես ածելին կապել էր մետաքսով, որպեսզի մի կոկորդ կտրի։ Ամբողջ ժամանակ, որ գտնվում էի նրանց տանը, ինձ շարունակ թվում էր, որ հատակի տախտակների տակ, դեռ նրա հայրը, գուցե թաքցրել է մի մեռածի և ծածկել մոմլաթով, ինչպես այն մոսկվացին, և նույնպես շուրջը դարսած են ժդանովյան հեղուկով սրվակներ, ես նույնիսկ ձեզ ցույց կտայի այդ անկյունը։ Նա շարունակ լռում է, բայց ախր ես գիտեմ, նա այնքան է սիրում ինձ, որ արդեն չէր կարող չատել ինձ։ Ձեր հարսանիքը և իմ հարսանիքը՝ միասին. այդպես ենք նշանակել ես ու նա։ Ես նրանից գաղտնիք չեմ պահում։ Ես նրան կսպանեի վախից... Բայց նա ինձ ավելի շուտ կսպանի... նա հիմա ծիծաղեց և ասում է, թե ես զառանցում եմ. նա գիտի, որ ես ձեզ գրում եմ»։ Եվ շատ, նույնպիսի շատ զառանցանք կար այդ նամակներում։ Նրանցից մեկը՝ երկրորդը, երկու փոստային թերթի վրա էր, մեծ չափսի, մանր գրված։ Իշխանը վերջապես դուրս եկավ խավար զբոսայգուց, որտեղ երկար թափառում էր, ինչպես և երեկ։ Պայծառ, թափանցիկ գիշերը նրան սովորականից ավելի պայծառ թվաց. «Մի՞թե դեռ այսքան վաղ է»,— մտածեց նա։ (Նա մոռացել էր ժամացույցը վերցնել)։ Կարծես թե նա մի տեղից հեռավոր երաժշտության ձայն լսեց. «Ըստ երևույթին կայարանում է,— նորից մտածեց նա,— իհարկե, նրանք այսօր չեն գնացել այնտեղ»։ Այդ մտածելով, նա տեսավ, որ կանգնած է հենց նրանց ամառանոցի մոտ. նա այդպես էլ գիտեր, որ անպայման պետք է վերջ ի վերջո այստեղ հայտնվեր, և սրտի նվաղումով ոտք դրեց պատշգամը։ Նրան ոչ ոք չհանդիպեց, պատշգամբը դատարկ էր։ Նա մի քիչ սպասեց և բացեց դահլիճի դուռը։ «Նրանց այս դուռը երբեք չէր ծածկվում»,— անցավ նրա մտքով, բայց դահլիճն էլ դատարկ էր. այնտեղ գրեթե բոլորովին մութն էր։ Նա տարակուսած կանգնեց սենյակի մեջտեղը։ Հանկարծ դուռը բացվեց, և ներս մտավ Ալեքսանդրա Իվանովնան մոմը ձեռքին։ Իշխանին տեսնելով, նա զարմացավ և կանգ առավ նրա առաջ, կարծես թե հարց տալով։ Ըստ երևույթին, նա միայն անցնում էր սենյակի միջով մի դռնից մյուսը, բոլորովին չկարծելով, թե որևէ մեկին կհանդիպի։ — Ինչպե՞ս հայտնվեցիք այստեղ,— վերջապես ասաց նա։ — Ես... անցա... — Maman-ն այնքան էլ առողջ չէ։ Ագլայան նույնպես։ Ադելաիդան պառկում է քնելու, ես էլ եմ գնում։ Մենք այսօր ամբողջ երեկո տանը մենակ էինք նստած։ Հայրիկը և իշխանը Պետերբուրգում են։ — Ես եկա... ես ձեզ մոտ եկա... հիմա... — Գիտե՞ք ժամը քանիսն է։ — Ո-ոչ... — Տասներկուսն անց կեսն է։ Մենք միշտ ժամը մեկին պառկում ենք։ — Ախ, ես կարծում էի թե... ինն անց կեսն է։ — Ոչինչ,— ծիծաղեց Ալեքսանդրան։— Իսկ ինչո՞ւ քիչ առաջ չեկաք։ Ձեզ, գուցե և, սպասում էին։ — Ես... կարծում էի...— թոթովում էր նա, հեռանալով։ — Ցտեսությո՜ւն։ Վաղը բոլորին կծիծաղեցնեմ։ Նա գնաց զբոսայգին շրջանցող ճանապարհով, դեպի իր ամառանոցը։ Նրա սիրտը բաբախում էր, մտքերը խառնվում էին, և նրա շուրջն ամեն ինչ երազի էր նման։ Եվ հանկարծ, նույնպես, ինչպես և այն ժամանակ, երբ նա երկու անգամն էլ արթնացավ միևնույն տեսիլքի վրա, նույն տեսիլքը նորից ներկայացավ նրան։ Նույն կինը դուրս եկավ զբոսայգուց և կանգնեց նրա առաջ, կարծես նրան սպասում էր այստեղ։ Իշխանը ցնցվեց և կանգ առավ. կինը բռնեց նրա ձեռքը և ամուր սեղմեց։ «Ոչ, սա տեսիլք չէ՜»։ Եվ ահա, վերջապես։ Նա կանգնած էր նրա առաջ երես առ երես, առաջին անգամ իրենց անջատումից հետո. նա ինչ֊որ բան էր ասում իշխանին, բայց վերջինս լուռ նայում էր նրան. իշխանի սիրտը լցվեց ու ցավից տնքաց։ Օ, երբեք հետո նա չէր կարողանում մոռանալ այդ հանդիպումը նրա հետ և միշտ մտաբերում էր միատեսակ ցավով։ Նա ծունկի եկավ իշխանի առաջ, հենց այդտեղ, փողոցում, ինչպես մոլագար. իշխանը վախեցած ընկրկեց, իսկ նա որսում էր նրա ձեռքը, որպեսզի համբուրեր, և ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ երազում, հիմա էլ արցունքները շողում էին նրա երկար արտևանունքների վրա։ — Վեր կաց, վեր կաց,— ասում էր իշխանը վախեցած շշուկով, բարձրացնելով նրան,— շուտ վեր կաց։ — Դու երջանի՞կ ես։ Երջանի՞կ ես,— հարցնում էր նա։— Ինձ միայն մի խոսք ասա, երջանի՞կ ես հիմա։ Այսօր, հիմա։ Նրա՞ մոտ էիր։ Նա ի՞նչ ասաց։ Նա վեր չէր կենում, նա չէր լսում իշխանին, նա հարցնում էր շտապելով և շտապում էր խոսել, կարծես թե նրան հետապնդում էին։ —- Ես մեկնում եմ վաղը, ինչպես դու հրամայեցիր։ Ես չեմ լինի... Չէ՞ որ վերջին անգամ եմ տեսնում քեզ, վերջի՜ն։ Հիմա ախր արդեն բոլորովի՜ն վերջին անգամ։ — Հանգստացիր, վեր կաց,— ասաց իշխանը հուսակտուր։ Նա ագահորեն ուշադիր նայում էր իշխանին, նրա ձեռքերը բռնած։ — Մնաս բարո՜վ,— վերջապես ասաց նա, վեր կացավ և արագ հեռացավ նրանից, գրեթե փախավ։ Իշխանը տեսավ, որ նրա մոտ հանկարծ հայտնվեց Ռոգոժինը, նրան թևանցուկ արեց ու տարավ։ — Սպասիր, իշխան,— բղավեց Ռոգոժինը,— ես հինգ րոպե հետո կվերադառնամ քիչ ժամանակով։ Հինգ րոպե հետո նա իրոք եկավ։ Իշխանը նրան սպասում էր նույն տեղում։ — Կառք նստեցրի,— ասաց նա,— այնտեղ անկյունում ժամը տասից կառքն սպասում էր։ Նա այդպես էլ գիտեր, որ ամբողջ երեկո այն մյուսի մոտ կլինես։ Այն ժամանակվանը, որ ինձ գրել էիր, ճշտությամբ հայտնեցի։ Նա այլևս այն մեկին չի գրի, խոստացավ. և քո ցանկությամբ այստեղից վաղը կգնա։ Ուզեց վերջին անգամ քեզ տեսնել, թեև դու մերժել էիր, այստեղ էլ քեզ սպասում էինք վերադարձիդ, ահա այնտեղ, այն նստարանի վրա։ — Նա ի՞նքը քեզ իր հետ վերցրեց։ — Բա ի՞նչ,— ատամները ցույց տվեց Ռոգոժինը,— տեսա այն, ինչ որ գիտեի։ Նամակները հո՞ կարդացել էի։ — Մի՞թե իսկապես կարդացել ես այդ նամակները,— հարցրեց իշխանը այդ մտքից ապշած։ — Բա ո՜նց. ամեն մի նամակը ինքն էր ցույց տալիս ինձ։ Ածելու մասին հիշո՞ւմ ես, հի՜-հի՜։ — Խելագա՜ր կին,— գոչեց իշխանը, ձեռները կոտրատելով։ — Ո՞վ գիտի այդ, գուցե և չէ,— կամացուկ ասաց Ռոգոժինը, կարծես ինքն իրեն։ Իշխանը չպատասխանեց։ — Դե, մնաս բարով,— ասաց Ռոգոժինը,— ախր ես էլ եմ գնում վաղը. բարի՛ հիշիր։ Իսկ ինչու, եղբայր,— ավելացրեց նա, արագ շուռ գալով,— ինչո՞ւ նրան ոչինչ չասացիր ի պատասխան։ «Իսկ դու երջանի՞կ ես, թե ոչ»։ — Ոչ, ո՜չ, ո՜չ,— բացականչեց իշխանը անսահման վշտով։ — Ա՜յդ էր պակաս, որ «այո» ասեիր,— չար ծիծաղեց Ռոգոժինը և գնաց առանց ետ նայելու։  ==Չորրորդ մաս = XII = === I === Անցավ մոտ մեկ շաբաթ կանաչ նստարանի վրա մեր պատմության երկու անձանց տեսակցությունից հետո։ Մի պայծառ առավոտ ժամը տասն անց կեսին մոտ, Վարվառա Արրդալիոնովնա Պտիցինան, որ դուրս էր եկել իր ծանոթներից ոմանց այցելելու, տուն վերադարձավ մեծ ու վշտալի մտածմունքի մեջ ընկած։  Կան մարդիկ, որոնց մասին դժվար է մի այնպիսի բան ասել, որ նրանց ներկայացներ միանգամից ու ամբողջովին, նրանց ամենատիպական ու բնորոշ տեսքով․ դրանք այն մարդիկ են, որոնց սովորաբար կոչում են «սովորական», «մեծամասնություն» և որոնք հիրավի կազմում են մի հասարակության հսկայական մեծամասնությունը։ Գրողները իրեն վեպերում ու պատմվածքներում մեծ մասամբ աշխատում են վերցնել հասարակության տիպերը և նրանց ներկայացնել պատկերավոր ու գեղարվեստորեն, տիպեր, որոնք իրականում շատ հազվադեպ են հանդիպում ամբողջությամբ, և որոնք այնուհանդերձ ավելի իրական են բուն իրականությունից։ Պոդկոլյոսինն իր տիպական տեսքով թերևս նույնիսկ չափազանցնում է, բայց բնավ մտացածին բան չէ։ Խելոք մարդկանց ինչպիսի՜ բազմություն Գոգոլից իմանալով Պոդկոլյոսինի մասին, անմիջապես սկսեցին գտնել, որ իրենց տասնյակ ու հարյուրավոր լավ ծանոթներ ու բարեկամներ շատ նման են Պոդկոլյոսինին։ Նրանք մինչև Գոգոլը գիտեին, որ իիրենց բարեկամներն այնպես են, ինչպես Պոդկոլյոսինը, բայց միայն չգիտեին, որ նրանք հենց այնպես են կոչվում։ Իրականում փեսացուները շատ հազվադեպ են լուսամուտներից դուրս թռչում իրենց հարսանիքներից առաջ, որովհետև դա, չխոսելով մնացած բաների մասին, նույնիսկ անհարմար է․ բայց և այնպես ինչքան փեսացուները, նույնիսկ արժանավոր ու խելացի մարդիկ, պսակադրության ժամին, խղճի խորքում պատրաստ են եղել իրենք իրենց որպես Պոդկոլյոսիններ ճանաչել։ Նմանապես ոչ բոլոր ամուսիններն են ամեն քայլափոխի բղավում․ «Tu l'as voulu, George Dandin!»<ref>«Դու ա՜յս էիր ուզում, Ժորժ Դանդեն» (ֆրանս․)</ref>, բայց, աստվաած իմ, ամբողջ աշխարհի ամուսինների կղմից քանի միլիոն ու բիլիոն անգամ է կրկնվել այդ ստի ճիչը իրենց մեղրամսից հետո, իսկ ով գիտի, գուցե և հարսանիքից հետո հաջորդ իսկ օրը։ Այսպես, ուրեմն, առանց ավելի լուրջ բացատրությունների մեջ ընկնելու, կասենք միայն, որ իրականում դեմքերի տիպականությունը կարծես թե ջրիկացվում է, և այդ բոլոր Ժորժ Դադեններն ու Պոդկոլյոսինները իրոք գոյություն ունեն, ամեն օր դեսդեն են գնում, վազվզում են մեր առաջ, բայց կարծես թե մի քիչ ջրիկացած վիճակում։ Լիակատար ճշմարտության համար, վերջապես, վերապահում անելով, որ Ժորժ Դադենն ամբողջությամբ, ինչպես նաև ստեղծել է Մոլիերը, նույնպես կարող է պատահել իրականում, թեև հազվադեպ, մենք դրանով կավարտենք մեր դատողությունը, որը սկսում է նմանվել ժուռնալային քննադատության։։ Բայց և այնպես, այնուամենայնիվ մեր առաջ մնում է մի հարց․ ի՞նչ անի վիպասանը հասարակ, միանգամայն «սովորական» մարդկանց հետ և ինչպե՞ս ցուցադրի ընթերցողների առաջ, որպեսզի ինչ-որ չափով հետաքրքիր դարձնի նրանց։ Պատմելու ընթացքում նրանց բոլորվին շրջանցել չի կարելի, որովհետև սովորական մարդիկ ամեն րոպե և մեծ մասամբ կենսական իրադարձությունների կապի մեջ անհրաժեշտ օղակն են, նշանակում է, նրանց շրջանցելով, կխախտենք ճշմարտությունը։ Վեպերը լցնել միմիայն տիպերով կամ նույնիսկ ուղղակի, հետաքրքրության համար, տարօրինակ ու չտեսնված մարդկանցով, կլիներ ոչ ճշմարտանման, թերևս նաև անհետաքրքիր։ Մեր կարծիքով գրողը պետք է անհետաքրքիր և ուսանելի երանգներ որոնի ու գտնի նույնիսկ նաև սովորական մարդկանց մեջ։ Իսկ երբ, օրինակ, որոշ սովորական մարդկանց բուն էությունը կայանում է նրանց մշտական և անփոփոխ սովորականության մեջ կամ, որ ավելի լավ է, երբ, չնայած այդ մարդկանց ամբողջ արտակարգ ջանքերին, ինչ գնով ուզում է լինի դուրս գալ սովորականության ու հնամոլության աղուրից, նրանք, այնուամենայնիվ, ավարտում են նրանով, որ անփոփոխ ու հավերժ մնում են միմիայն որպես հնամոլներ, այն ժամանակ այդպիսի մարդիկ ստանում են նույնիսկ որոշ յուրատեսակ տիպականություն, այսինքն՝ սովորականություն, որը ոչ մի գնով չի ուզում մնալ այն, ինչ որ է և ամեն կերպ ուզում է դառնալ յուրօրինակ ու ինքնուրույն, ինքնուրույնության ամենաչնչին իսկ հնարավորություն չունենալով։  «Սովորական» կամ «հասարակ» մարդկանց այդ կարգին են պատկանում նաև մեր պատմության մի քանի անձինք, որոնք (խոստովանում եմ) մինչև հիմա քիչ են պարզաբանված ընթերցողին։ Այդպիսիք են հենց Վարվառա Արդալիոնովնա Պտիցինան, նրա ամուսինը՝ Պտիցինիը, նրա եղբայրը՝ Գավրիլա Արդալիոնովիչը։ Հիրավի, ոչինչ այնքան ցավալի չէ, քքան լինել, օրինակ, հարուստ, օրինավոր ընտանիքից, վայելուչ արտաքինով, լավ կրթված, խելացի, նույնիսկ բարի, և միաժամանակ չունենալ ոչ մի տաղանդ, ոչ մի առանձնահատկություն, նույնիսկ ոչ մի տարօրինակություն, ոչ մի սեփական միտք, լինել ուղղակի «ամենքի նման»։ Հարստություն կա, բայց ոչ Ռոտշիլդի․ ընտանիքն ազնիվ է, բայց երբեք ոչնչով չի նշանավորել իրեն․ արտաքինը վայելուչ է, բայց շատ քիչ բան է արտահայտում․ կրթությունը կարգին է, բայց չգիտես որտեղ կիրառես դա․ խելք կա, բայց սեփական մտքերի․ Սիրտ ունի, բայց առանց մեծահոգության և այլն, և այլն, բոլոր տեսակետներից։ Այդպիսի մարդիկ աշխարհում շատ-շատ են և նույնիսկ ավելի շատ, քան թվում է, նրանք, ինչպես և բոլոր մարդիկ, բաժանվում են երկու կարգի․ ոմանք սահմանափակ են, մյուսները՝ «շատ ավելի խելացի»։ Առաջիններն ավելի երջանիկ են։ Սահմանափակ «սովորական մարդու» համար, օրինակ, ոչ մի ավելի հեշտ բան չկա, քան իրեն արտասովոր ու յուրօրինակ մարդ երևակայելըև առանց տատանումներկ դրանով ուրախանալը։ Բավական էր, որ մեր օրիորդներից ոմանք մազերը կտրեին, կապույտ ակնոց դնեին և իրենց անվանեին նիհիլիստուհիներ, որպեսզի իսկույն համոզվեին, որ ակնոց դնելով, անմիջապես սկսել են սեփական «համոզմունքներ» ունենալ։ Բավական էր որևէ մեկը իր սրտում զգար մի կաթիլի չափ որևէ համամարդկային և բարի զգացմունք, որպեսզի անմիջապես համոզվեր, որ ոչ մեկը այնպես չի զգում, ինչպես ինքը, որ նա առաջավոր է ընդհանուր զարգացման մեջ։ Բավական էր, որ մեկը ուրիշի ասածով ընդուներ որևէ մի միտքկամ առանց սկզբի ու վերջի մի էջ բան կարդար, որպեսզի անմիջապես հավատար, թե դրանք իր սեփական մտքերն են և իր սեփական ուղեղում են ծնվել։ Միամտության լկտիությունը, եթե կարելի է այսպես արտահայտվել, այսպիսի դեպքերում հասնում է զարմանալիի աստիճանին․ այս ամենը անհավանական է, բայց հանդիպում է ամեն րոպե։ Միամտության այդ լկտիությունը, հիմար մարդու չկասկածելը ինքն իրեն և իր տաղանդին, հիանալի դրսևորել է Գոգոլը հանձին պորուչիկ Պիրոգովի զարմանալի տիպի։ Պիրոգովը նույնիսկ չի էլ կասկածում, որ ինքը հանճար է, նույնիսկ բարձր է ամեն մի հանճարից․ այն աստիճան չի կասկածում, որ նույնիսկ ոչ մի այնգամ այդ մասին իրեն հարց անգամ չի տալիս, ասենք, նրա համար հարցեր գոյություն իսկ չունեն։ Մեծ գրողը հարկադրված էր, վերջապես, նրան ծեծել իր ընթերցողի վիրավորված բարոյական զգացմունքը բավարարելու համար, բայց, տեսնելով, որ մեծ մարդը միայն թափ տվեց ինքն իրեն և խոշտանգումից հետո ուժերը կազդուրելու համարշերտավոր կարկանդակ կերավ, զարմացած տարածեց ձեռքերը և այդպես թողեց իր ընթերցողներին։ Ես միշտ տրտմում էի, որ մեծ ՊիրոգոիվինԳոգոլը այդպիսի փոքր աստիճան է տվել, որովհետև Պիրոգովըն այնքան ինքնագոհ է, որ նրա համար ոչինչ այնքան հեշտ չէ, որքան տարիների ընթացքում նրա շքեղ ուսադիրների հաստացման և ծոպերիզների ոլորվելուն համընթաց ինքն իրեն առնվազն, օրինակ մի արտակարգ զորավար երևակայելը․ նույնիսկ ոչ թե երևակայել, այլ ուղղակի չկասկածել դրանում․ գեներալ են դարձել, էլ ինչպե՞ս թե զորավար չի։ Եվ հետո այդպիսիներից քանի՜սն են սարսափելի անհաջողություններունեցել կռվի դաշտում։ Իսկ որքա՜ն Պիրոգովներ են եղել մեր գրականագետների, գիտնականների, պրոպագանդիստների մեջ։ Եվ ասում եմ «եղել են», բայց ի՛նչ խոսք, որ իհարկե, հիմա էլ կան․․․ Մեր պատմության գործող անձև, Գավրիլա Արդալիոնովիչ Իվոգլինը, պատկանում էր մի այլ կարգի․ նա պատկանում էր «շատ ավելի խելացի» մարդկանց կարգին, թեև ամբողջովին, ոտքից գլուխ վարակված էրյուրօրինակության ցանկությամբ։ Բայց այդ կարգը, ինչպես արդեն նշեցինք վերև, շատ ավելի դժբախտ է առաջինից։ Բանն էլհենց այն է, որ խելացի «սովորական» մարդը, եթե նույնիսկ հարևանցի (կամ թեկուզ իր ամբողջ կյանքի ընթացքում) իրեն երևրակայեր հանճարեղ և ամենայուրօրինակ մարդը, այնուամենայնիվ իր սրտում պահում է կասկածի որդը, որ այնտեղն է հասցնում, որ խելացի մարդը երբեմն ավարտում է լիակատար հուսահատությամբ, եթե հնազանդվում էլ է, ապա ներս գցած սնափառությունից արդեն բոլորովին թունավորված։ Ասենք, մենք բոլոր դեպքերում վերցրինք ծայրահեղությունը․ մարդկանց հսկայական կարգի մեծամասնության մեջ բանն ամենևին էլ այդպես ողբերգական չի լինում․ միայն կյանքի վերջին տարիներում ավելի կամ պակաս չափով փչանում է լյարդը, ահա և բոլորը։ Բայց և այնպես, նախքան հնազանգվելն ու ենթարկվելը, այդ մարդիկ երբեմն շատ երկար են անկարգություն անում, սկսած պատանելությունից մնչև ենթարկվող հասակը, և ամբողջը՝ յուրօրինակ լինելու ցանկությունից․ նույնիսկ տարօչինակ դեպքեր են պատահում․ յուրօրինակության ցանկությունից մի որևէ ազնիվ մարդ պատրաստ է նույնիսկ ստոր գործ բռնել․ նույնիսկ այնպես էլ է լինում, որ այդ դժբախտներից որևէ մեկը ոչ միայն ազնիվ է, այլ նաև բարի, իր ընտանիքի նախախնամությունը, իր աշխատանքով սնում ու պահում է նույնիսկ օտարներին, ոչ միայն յուրայիններին, և ի՞նչ, ամբողջ կյանքում չի կարող հանգստանալ։ Նրա համար ամենևին հանգստացուցիչ և մխիթարական չէ այն միտքը, որ նա այդպես լավ է կատարել իր մարդկային պարտականությունները․ նույնիսկ ընդհակառակը, հենց այդ միտքն է ջղայնացնում նրան․ «Ահա թե ինչի վրա վատնեց կյանքս, ահա թե ինչն է կապում ձեռքերս ու ոտքերս, ահա թե ինչը խանգարեց ինձ վառոդը հայտնագործելու։ Դա չլիներ, ես, կարղ է պատահել, անպայման կհայտնագործեի, կամ վառոդը, կամ Ամերիկան, դեռ հաստատ չգիտեմ, թե ինչ, բայց անպայման կհայտնագործեի»։ Այդ պարոնների մեջ ամենաբնորոշն այն է, որ նրանք իրոք ամբողջ կյանքի ընթացքում չեմ կարող հաստա իմանալ, թե թե իսկապես ինչ է պետք նրանց հայտնագործել, և նրանք այբողջ կյանքի ընթացքում հատկապես ինչ են պատրաստ հայտնագործելու․ վառո՞դը, թե՞ Ամերիկան։ Բայց նրանց մեջ եղած տառապանքը, թախիծը հայտնագործելիի համար, կբավականացներ Կոլումբոսին կամ Գալիլեյին։
----
<references/>
3
edits