«Արաբի»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Արաբի |հեղինակ = Ջեյմս Ջոյս |թարգմանիչ = Արտեմ Հարությունյան (անգլերենից) |ա...»:)
(Տարբերություն չկա)

11:45, 26 Հունիսի 2013-ի տարբերակ

Արաբի

հեղինակ՝ Ջեյմս Ջոյս
թարգմանիչ՝ Արտեմ Հարությունյան (անգլերենից)
աղբյուր՝ «Դուբլինցիներ»

Նորդ Ռիչմոնդը հանգիստ և անաղմուկ մի փակուղի էր։ Բայց այդ անդորրը խախտվում էր օրվա մեջ մի անգամ, երբ Քրիստոնյա եղբայրների դպրոցն արձակում էր իր սաներին։ Փակուղու վերջում անբնակ երկհարկանի մի շենք կար՝ հրապարակով լքյուս շենքերից բաժանված։ Փողոցի շենքերը կարծես գիտակցելով իրենց մեջ հարատեւող պարկեշտ կյանքը, իրար էին նայում մոխրագույն, անվրդով ճակատներով։
Մեր նախկին տանտերը՝ քահանան, մահացել էր ետնասենյակում։ Եվ որովհետև սենյակները միշտ փակ էին եղել, օդը ծա՛նր էր ու մգլոտած։
Խոհանոցին կից մառանը լցված էր հին, անպետք թղթերով և այդ թղթերի մեջ ես գտա խունացած ու ծալված էջերով թղթակազմ մի քանի գիրք. «Բարեպաշտ հաղորդակիցը», «Վիդոկի հուշագրությունը» եւ վալտեր Սքոթի «Աբբահայրը»։ «Վիդոկի հուշագրությունը» ինձ ամենից ավելի դուր եկավ, որովհետև գրքի էջերը համարյա դեղնել էին։ Անուշադրության մատնված այգում կար մի խնձորենի, որի շուրջը աճում էին մի քանի գետնատարած թփեր։ Թփերից մեկի տակ ես գտա հանգուցյալի հեծանվի ժանգոտած օդամղիչը։ Քահանան մեծ բարեգործ էր և ողջ հարստությունը կտակել էր բարեգործական ընկերություններին, իսկ տան կահկարասին՝ քրոջը։
Ձմռան կարճ օրերի հետ մայրամուտն ավելի շուտ էր հայտնվում, և մեր ճաշը չվերջացած, դրսում արդեն մութ էր։ Երբ մենք հավաքվում էինք փողոցում, շենքերն արդեն թաղված էին լինում մթության մեջ։ Երկնքի հատվածը մեր գլխավերևում փոփոխվող մանուշակագույն էր, իսկ ներքևում փողոցի լապտերները վեր էին մղում իրենց աղոտ լույսերը։ Սառը օդը դաղում էր մեզ և մենք խաղում էինք, մինչև մեր մարմինները շիկանային։
Մութ, ցեխոտ նրբանցքների լուռ փողոցներում արձագանքվում էին մեր ճիչերը, շենքերի թիկունքում հետապնդում էինք իրար և խաղով տարված, հասնում մինչև կեղտոտ բակերի ետնամասերը, ուր մեզ քարկոծում էին հյուղակներում բնակվող վայրի ցեղերը, հետո հայտնվում էինք մգլած ու մութ բանջարանոցների դարպասների մոտ, ուր աղբարկղներից թունդ հոտ էր փչում և վազքը շարունակում մինչև մութ, մգլահոտ ախոռները, որտեղ դիտում էինք, թե ինչպես է կառապանը լվանում ու սանրում ձիերին կամ էլ մեղմ զնգացնում լծասարքը։ Երբ վերադառնում էինք փողոց, խոհանոցի պատուհանները իրենց լույսերով արդեն ողողած էին լինում մութ տարածությունը։ Եթե այդ պահին հորեղբայրս տուն էր գալիս, մենք թաքնվում էինք մթության մեջ, սպասելով որ նա անհետանա շքամուտքում։ Եվ երբ Մանգանսի քույրը նախամուտք էր դուրս գալիս եղբորը կանչելու, մենք նայում էինք թաքստոցից, թե ինչպես է հայացքով փնտրում եղբորը։ Նայում էինք ու սպասո՛ւմ՝ կմնա, թե կգնա։ Եթե մնում էր, թողնում էինք թաքստոցը և անտրտունջ մոտենում աստիճաններին։ Նա մեզ էր սպասում, իսկ ինքը ուրվագծված էր կիսաբաց դռնից ընկած լույսով։ Եղբայրը, նախքան հնազանդվելը, ջղայնացնում էր քրոջը, իսկ ես ցածում կանգնած նրան էի նայում։ Նրա մարմնի շարժումներից շրջաղգեստը փողփողում էր իսկ մազերի փափուկ կապիչը այս ու այն կողմ էր ընկնում։
Ամեն առավոտ պառկում էր հյուրասենյակի հատակին և հետևում նրա դռանը։ Որպեսզի ինձ չնկատի, իջեցնում էի վարագույրը, ներքևում բաց թողնելով մի քանի սանտիմետր։ Երբ նա երևում էր նախամուտքում, սիրտս թպրտում էր։ Վազում էի դահլիճ, հափշտակում գրքերս ու հետևում նրան։ Աչքս չէի կտրում նրա դարչնագույն կերպարանքից և երբ մենք հասնում էինք այն կետին, որտեղ մեր ուղիները պետք է բաժանվեին, արագացնում էի քայլերս ու առաջ անցնում։ Եվ այսպես ամեն առավոտ։ Նրա հետ դեռ մի կարգին չէի խոսել, բացի մի քանի պատահական բառերից։ Չնայած դրան, նրա անունը ասես մի կոչ էր իմ ողջ էության համար։
Նրա պատկերը ինձ ուղեկցում էր նույնիսկ այնտեղ, ուր երազել անհնար էր։ Շաբաթ երեկոյան, երբ մորաքույրս գնումների էր դուրս գալիս, ես ստիպված նրան ուղեկցում էի, որպեսզի կրեմ ծանրոցները։ Մենք գնում էինք լուսավորված փողոցներով, մեզ հրմշտում էին գնորդներն ու հարբած մարդիկ, իսկ լուտանքներ լսվում էին ամեն քայլի վրա։ Հետո մեզ էին հասնում խանութում աշխատող տղաների սուր ծղրտոցը, որոնք հսկում էին կրպակների առջև դրված փորոտիքով լեցուն տակառները, փողոցային երգիչների ռնգային ձայները, որոնք կամ երգում էին «Եկեք բոլորս» երգը՝ Օ՚Դոնովան Ռոսսայի մասին կամ էլ բալլադ՝ մեր հարազատ երկրի դժբախտ վիճակի մասին։ Այդ ձայները միախառնվում էին և ինձ համար դառնում կյանքի միակ ընկալումը։ Ինձ թվում էր, թե ես թշնամիների ամբոխի միջով եմ տանում սուրբ նվերներով լեցուն իմ թասը։ Նրա անունը հանկարծ հայտնվում էր շուրթերիս տարօրինակ աղոթքների ու գովերգերի ժամանակ, որ ես էլ չէի հասկանում։ Աչքերս լցվում էր արցունքով (ինքս էլ չգիտեի ինչու), իսկ սիրտս, թվում էր, ուր որ է կրծքիցս դուրս կթռչի։ Ապագայի մասին համարյա չէի մտածում։ Չգիտեի՝ երբևիցե կխոսեմ նրա հետ, թե ոչ, իսկ եթե խոսեմ, ինչպես պետք է հայտնեմ իմ շփոթված հիացմունքը։ Բայց մարմինս ասես տավիղ լիներ, իսկ նրա խոսքերն ու շարժումները՝ լարերի վրա նվագող մատներ։
Մի երեկո մտա այն սենյակը, որտեղ մահացել էր քահանան։ Մթամած անձրևոտ երեկո էր, բայց սենյակում տիրում էր խոր լռություն։ Կոտրված փեղկից լսվում էր, թե ինչպես է անձրևը գետինը ծեծում և ինչպես են մաքուր, անվերջանալի շիթերը հոսում թրջված հողի վրայով։ Ներքևում, ինչ-որ տեղ, լույս էր արձակում մի լապտեր կամ էլ լուսավորված մի պատուհան։ Ես ուրախ էի, որ սենյակում կիսախավար է։ Ողջ զգացմունքներն ասես ձգտում էին քողարկվել անորոշությամբ և այն պահին, երբ ես զգացի, որ լրջանում եմ, ափերս իրար սեղմեցի, մինչև որ սկսեցին դողդողալ։ Մի քանի անգամ շշնջացի. «օ՚, սեր, օ՚, սեր»։
Վերջապես նա հետս խոսեց։ Երբ ինձ դիմեց, այնպես շփոթվեցի, որ չիմացա ինչ պատասխանել։ Նա ինձ հարցրեց, արդյոք մտադի՞ր եմ քաղաքում բացված տոնավաճառը տեսնել։ Չեմ հիշում, թե ինչպատասխանեցի։
— Դա հոյակապ շուկա է լինելու, — ասաց նա և ավելացրեց, որ ինքն անչափ կցանկանար գնալ այնտեղ։
— Իսկ դուք ինչո՞ւ չեք գնում,— հարցրեցի ես։
Խոսելիս նա պտտում էր դաստակի արծաթե ապարանջանը։ Ասաց, որ ինքը չի կարող գնալ, որովհետև այդ շաբաթ իրենց կուսանոցը ապաշխարելու է։ Նրա եղբայրն ու երկու այլ տղաներ պայքարում էին իրար հետ իրենց գլխարկների համար, և ես աստիճաններին մենակ էի մնացել։ Աղջիկը բռնել էր բազրիքի ճաղերից և գլուխը թեքել իմ կողմը։ Կիսաբաց դռնից լամպի լույսը լուսավորեց նրա սպիտակ ծոծրակը, հետո մազերի փունջը և ցած սահելով՝ բազրիքին դրված ձեռքն ու շրջաղդեստի մի կողմը։ Հետո մթությունից խլեց նրա ներքնազգեստի սպիտակ երիզը, որը փոքր-ինչ տեսանելի էր դառնում, երբ նա հենվում էր բազրիքին։
— Ա՛յ, դու այդ օրը կարող ես գնալ, — ասաց նա։
— Եթե գնամ, — ասացի ես, — անպայման ձեզ համար մի բան կբերեմ։
Ինչպի՛սի անհամար պատրանքների առիթ դարձան այդ մի քանի խոսքերը։ Քնած թե արթուն՝ աչքիս առաջ այդ օրն էր։ Ես տենչում էի ոչնչացնել նշանակված օրը հետաձգող մի քանի օրերը, իսկ դասերս ինձ համար դարձան անտանելի։ Նրա պատկերը հայտնվում էր ինձ երեկոյան՝ ննջասենյակում, իսկ ցերեկը՝ դպրոցում, էջի ու իմ միջև, որը ես տքնում էի կարդալ։ «Արաբի» բառի վանկերը հայտնվում էին ինձ լռությունից, հոգիս թրթռում էր և բառը համակում էր ինձ իր Արևելյան հմայքով։ Վերջապես թույլտվություն խնդրեցի շաբաթ օրը տոնավաճառ գնալու։ Մորաքույրս զարմացավ և հուսով էր, որ դա մասոնական միջոցառում չէ։ Սկսեցի դասերս վատ պատասխանել։ Ուսուցչի դեմքը ավելի ու ավելի էր խստանում։ Բայց նա դեռ հուսով էր, որ կուղղվեմ։ Ես դարձել էի ցրված, քանի որ ոչ մի համբերություն չունեի զբաղվելու որևէ լուրջ գործով։ Մանավանդ, որ այդ գործերը խցկվելով իմ ցանկության և իմ միջև, չար երեխայի միօրինակ ու տաղտուկ խաղ էին թվում։
Շաբաթ օրը հորեղբորս հիշեցրի, ռր պատրաստվում եմ երեկոյան գնալ տոնավաճառ։ Նա այդ պահին նախասենյակում խոզանակն էր փնտրում և ինձ պատասխանեց կտրուկ ու չոր.
— Այո, տղա՛ս, գիտեմ։
Քանի դեռ նա նախասենյակում էր, ես չէի կարող հյուրասենյակ գնալ ու պառկել պատուհանի տակ։ Ստիպված դուրս եկա տնից և անտրամադիր քայլեցի դեպի դպրոց։ Դրսում օդը չափազանց խոնավ էր և սիրտս արդեն ինչ-որ վատ թան էր կանխագուշակում։
Երբ ճաշին վերադարձա, հորեղբայրս դեռ տուն չէր եկել։ Դեռ վաղ էր։ Նստեցի պատի ժամացույցի տակ, և երբ նրա թկթկոցը սկսեց վրաս ազդել, սենյակից դուրս եկա։ Եվ աստիճաններով բարձրացա շենքի վերին հարկը։ Դատարկ ու մռայլ սենյակները ինձ ներշնչեցին ազատության զգացում և սենյակից սենյակ անցնելով, սկսեցի երգել։ Վերևից երեւում էր, թե փողոցում ինչպես էին խաղում ընկերներս։ Բայց նրանց ճիչերը ինձ հասնում էին թուլացած ու անորոշ։ Ճակատս ապակուն սեղմած, նայում էի այն մութ շենքին, որտեղ նա էր ապրում։ Այսպես կանգնեցի մոտ մի ժամ, ոչինչ չտեսնելով, բացի իմ երևակայության խաղից, որն ընդգրկում էր նրա դարչնագույն հագուստով կազմվածքը՝ բազրիքին դրված ձեռքը, ներքնազգեստի երիզը և պարանոցի լուսավորված ճկումը։ Երբ ես նորից ներքև իջա, միսիս Մերսերը նստած էր կրակի մոտ։ Նա մի ծեր ու շատախոս կին էր, վաշխառուի այրի, որն ինչ-որ բարեգործական նպատակներով օգտագործված նամականիշեր էր հավաքում։ Ստիպված դիմացա սեղանի շուրջը տարվող բամբասանքին։ Արդեն մի ժամ էր, ճաշը ուշանում էր, իսկ հորեղբայրս չկար ու չկար։ Վերջապես միսիս Մերսերը ոտքի կանգնեց։ Նա ներողություն խնդրեց, ասաց, որ էլ չի կարող սպասել, արդեն ութն անց էր, եւ պետք է գնար, որովհետև գիշերային օդը նրան վնասում էր։ Երբ նա գնաց, բռունցքներս սեղմած սկսեցի քայլել սենյակում։ Մորաքույրս ասաց։
— Վախենում ես՛, ստիպված լինես հետաձգել տոնավաճառ գնալդ։
Ժամը 9-ին նախամուտքում շրխկաց հորեղբորս բանալին։ Ես լսեցի, թե նա ինչպես է ինքն իրեն խոսում, եւ ինչպես է կախիչը ճոճվում նրա վերարկուի ծանրությունից։ Ամեն ինչ ինձ համար պարզ էր, եւ երբ նա վերջացրել էր իր ճաշը, խնդրեցի տոնավաճառի համար խոստացած գումարը։ Նա իր խոստումը մոռացել էր։
— Մարդիկ հիմա անկողնում երազներ են տեսնում,—-ասաց նա։
Բայց ես լուրջ էի։ Մորաքույրս պաշտպանեց ինձ եւ վճռականորեն ասաց.
— Ի՞նչ է, չե՞ս կարող փողը տալ և թողնել, որ գնա. ինքդ ես նրան ուշացրել։
Հորեղբայրս ներողություն խնդրեց խոստումը մոռանալու համար։ Նա ասաց, որ անցյալում ճիշտ են ասել՝ լոկ սովորելը, առանց հաճույքի, բթացնում է մարդուն։ Նա հարցրեց իմ գնալու նպատակը, և երբ պատասխանեցի երկրորդ անգամ, նորից հարցրեց, թե արդյոք ես ծանո՞թ եմ «Արաբիի հրաժեշտը իր նժույգին» բանաստեղծությանը։ Երբ վերջապես դուրս էի գալիս խոհանոցից, նա պատրաստվում էր մորաքրոջս համար արտասանել առաջին տողերը։
Ֆլորինը ձեռքումս պինդ սեղմած, ես Բաքինգհեմ փողոցով կայարան իջա։ Գնորդներով լեցուն փողոցների տեսքը, գազային լամպերի լույսը ինձ հիշեցրին ճանապարհորդությանս նպատակը։ Ես տեղ գրավեցի գնացքի 3-րդ կարգի մի վագոնում։ Անչափ երկար թվացող դադարից հետո գնացքը շարժվեզ։
Անցանք խարխուլ տների մոտով, հետո աղոտ փայլող ինչ-որ գետի վրայով։ Ուեսլենդ-Ռոու կայարանում մարդկային ամբոխը դեպի գնացքի դռները նետվեց, բայց ուղեկցորդները ետ մղեցին, քանի որ գնացքը հատուկ երթուղի ուներ՝ տոնավաճառ։ Ես դատարկ վագոնում մենակ մնացի։ Մի քանի րոպե անց, գնացքը կանգ առավ հապճեպ սարքած փայտե կառամատույցի մոտ։ Ես անցա կառամատույցի վրայով և ժամացույցի լուսավորված թվացուցակի վրա տեսա, որ տասից տաս էր պակաս։ Դեմս մի մեծ շենք կար, որի ճակատին գրված էր «Արաբի» կախարդական բառը։
Ես չկարողացա գտնել վեցպենսանոց մուտքը և վախենալով, որ տոնավաճառը ուր որ է կփակեն, ներս սողոսկեցի ճոպանների տակով՝ նախապես մեկ շիլլինգ տալով հոգնած պահակին։ Հայտնվեցի մի մեծ դահլիճում, որը կամարաձև սեղմված էր հսկայական սրահի գոգում։ Կրպակների մեծ մասը փակ էր, իսկ դահլիճի խորքում արդեն մութ էր։ Դահլիճի լռությունը նման էր աղոթքից հետո եկեղեցում իշխող անդորրի։ Ես անվճռականորեն քայլեցի դեպի տոնավաճառի կենտրոնը։ Սի քանի բաց կրպակների վաճառասեղանների մոտ մարդիկ կային հավաքված։ Վարագույրի առջև, որի վրա գունավոր լույսերով գրած էր «Կաֆե-շանտան», երկու հոգի մատուցարանի վրա փող էին հաշվում։ Ես լսում էի, թե ինչպես է զընգում ընկնող մետաղադրամը։
Դժվարությամբ հիշելով իմ այցելության նպատակը, ես վաճառասեղաններից մեկին մոտեցա և սկսեցի զննել ճենապակե ափսեները և ծաղկազարդ թեյի սպասքը։ Կրպակի դռան մոտ մի երիտասարդ կին էր կանգնած, որը խոսում ու ծիծաղում էր երկու երիտասարդ ջենտլմենների հետ։ Ես իսկույն նկատեցի նրանց անգլիական առոգանությունը։ Նրանց զրույցից երբեմն ինձ էին հասնում որոշ բառեր։
— Օ՛, ես երբեք այդպիսի բան չեմ ասել։
— Օ՜, բայց դու ասացիր։
— Օ՜, ոչ, չեմ ասել։
— Մի՞թե նա չասաց։
— Այո, ես էլ լսեցի։
— Օ՜, դա... սո՛ւտ Է։
Երիտասարդ լեդին նկատելով ինձ, մոտեցավ ու հարցրեց, թե արդյոք ցանկանում եմ որևէ բա՞ն գնել։ Նրա ձայնի երանգը այնքան էլ խրախուսիչ չէր, խոսում էր ինձ հետ ավելի շատ պարտականությունից դրդված։ Ես խոնարհ հայացքով նայեցի երկու մեծ սափորներին, որոնք արևելյան պահակների պես կանգնել էին վաճառասեղանի երկու կողմերում եւ շշնջացի.
— Ոչ, շնորհակալ եմ։
Երիտասարդ լեդին փոխեց սափորներից մեկի դիրքը եւ վերադարձավ երկու երիտասարդների մոտ։ Նրանք շարունակեցին խոսել նույն հարցի շուրջը։ Մեկ-երկու անգամ երիտասարդ լեդին ուսի վրայով ինձ նայեց զննող հայացքով։
Ես նրա վաճառասեղանի մոտ մի քիչ էլ հապաղեցի, որպեսզի իմ հետաքրքրությունը նրա ապրանքի նկատմամբ ճշմարտանման լիներ, չնայած ներքուստ գիտեի՝ անօգուտ էր։ Հետո շուռ եկա եւ տոնավաճառի կենտրոնով դանդաղ քայլեցի դեպի ելքը։ Ես թույլ տվեցի, որ երկպենսանոցները ձեռքիցս ցած սահեն եւ անշարժանան գրպանումս գտնվող վհցպենսանոցների կողքին։
Դահլիճի մյուս ծայրից մի ձայն հայտարա՛րեց, որ լույսերը շուտով կհանգցնհն։ Դահլիճի վերին մասը արդեն լրիվ մթության մեջ էր։
Նայեցի վեր՝ այդ մթության մեջ ես նման էի սնափառությամբ տարված ու խայտառակված մի էակի։ Եվ աչքերս վառվեցին ցավից ու զայրույթից։