Changes

Ոդիսական

Ավելացվել է 57 704 բայտ, 14 Հունիս
/* Երգ տասնհինգերորդ։ Ոդիսևսի որդին Լակեդեմոնից վերադառնում է Իթակե */
== Երգ տասնհինգերորդ։ Ոդիսևսի որդին Լակեդեմոնից վերադառնում է Իթակե ==
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Մինչդեռ Պալլաս Աթենասը շարժվեց գնաց լայնատարած Լակեդեմոն,
Որպեսզի անդ Ոդիսևսի սիրած որդուն փառապսակ
Հիշեցնի յուր վերադարձը և հորդորի, որ շուտ ետ գա նա դեպի տուն։
Արդ, նա գտավ՝ Տելեմաքին և Նեստորի ազնիվ որդուն
Վսեմափառ Մենելայի տան գավիթում, այնտեղ, պառկած։
Նեստորյանը անդ տակավին խոր նիրհում էր՝ անուշ քունը իր աչքերին,
Բայց այդ քունը քաղցրանուշիկ Տելեմաքին չնվաճեց ամենևին.
Ամբողջ գիշեր վիշտն էր հուզում նրա հոգին, վիշտը կորած իր հոր համար։
Արդ, առընթեր նրան կանգնեց և խոսք ասաց Աթենասը պայծառաչյա.
{{տող|10}}«Տելեմաքոս, լավ չէ իրոք, որ քո տնից բացակա ես երկարատև,
Գույքդ այնտեղ անտեր թողած, ամբարտավան մարդկանց կամքին, որպես ավար։
Տե՜ս, մի գուցե քո գույքն ամբողջ անդ լափլփեն կամ իրարու մեջ բաժանեն,
Եվ կդառնա քո ճանապարհն և՛ անօգուտ, և՛ ավերի միայն պատճառ:
Ուստի շուտով գնա, խնդրիր Մենելային դու քաջազեն,
Թողքեզ հապճեպ ետ ուղարկի, որ տանդ գեթ քո անբասիր մորը գտնես։
Հայրը արդեն և եղբայրներն ստիպում են նրան հիմա
Մարդու գնալ Եվրիմաքին, որը բոլոր խոսնայրներին
Գերազանցեց նվերներով և անընդհատ բազմապատկում է գլխավարձն,
Մինչդեռ եթե այդ գլուխ գա, ետս, մի գուցե և քո գույքը տանեն տնից։
{{տող|20}}Դու լավ գիտես, թե որպիսի՚ սիրտ կա կրծքի տակ կանացի.
Կինը գիտե բազմապատկել և շեն պահել տունը երկրորդ, նոր ամուսնու.
Սակայն երբեք չի մտածում իր առաջին ամուսնության որդոց մասին
Կամ մահացած այն ամուսնու, որի մասին անգամ լսել չի ցանկանա։
Երբ դու քո տուն վերադառնաս, քո ունեցած գույքը ամբողջ հանձնիր այնտեղ
Մեկնումեկին քո լավագույն ծառաներից, ով քեզ թվա հավատարիմ,
Մինչև անմահ աստվածները քեզ կնության ցույց տան աղջիկ վայելչագեղ:
Մի խոսք ևս ես քեզ ասեմ, և այն պահիր դու քո սրտում։
Սեղեխների մեծ քաջերը դարանամուտ են այժմ արդեն
Իթակեի նեղուցի մեջ, անդ, քարքարոտ Սամեի մոտ
{{տող|30}}Մտադիր են քեզ սպանել, որ ե՜տ չգաս դու քո երկիրը հայրական:
Բայց չեմ կարծում այդ գլուխ գա, ավելի շուտ պիտի լափի հողը նրանց,
Այդ չարադավ խոսնայր մարդկանց, որ վատնում են գույքդ, գանձդ։
Սակայն անշուշտ դու քո նավը ամրակառույց հեռու պահիր կղզիներից,
Լող տուր միայն դու գիշերով, քեզ հաջողակ և ուղեկից հողմ կառաքի
Մեկնումեկը անմահներից, որ պահպանում, փրկում է քեզ, հանց զորավիգ։
Ահավասիկ, երբ դու հասնես Իթակեի ափը, այնտեղ,
Նավն ու բոլոր ընկերներիդ իսկույն քաղաք ուղարկիր դու,
Սակայն ինքդ նախ և առաջ գնա դեպի խոզարածը,
Որ հսկիչն է ձեր խոզերի և դեպի քեզ առմիշտ ազնիվ, բարեհաճ է,
{{տող|40}}Եվ գիշերը դու նրա մոտ։ Ապա նրան շուտով քաղաք դու առաքիր
Իբրև բանբեր՝ լուր տանելու Պենելոպին խոհեմամիտ,
Որ ողջ ես դու և ապահով, որ Պիլոսից վերադարձել ես անվնաս»։
Այդպես ասաց վեհ Աթենասն ու հեռացավ դեպ Օլիմպոսը բարձրաբերձ,
Իսկ նա իսկույն Նեստորյանին հանեց քնից քաղցրանուշիկ,
Նրան ոտքով Տելեմաքը հրեց, ապա այս խոսքն ասաց.
«Ով Պիսիստրատ Նեստորածին, վե՛ր կաց, ձիերն ամրասմբակ դու դուրս քաշիր,
Կառքը լծիր դու անհապաղ, որպեսզի մենք ճանապարհվենք արագորեն»։
Եվ Պիսիստրատ Նեստորածինն իսկույն նրան պատասխանեց և այս ասաց.
«Տելեմաքոս, թեպետև դու փափագում ես ճանապարհվել հիմա շուտով,
Բայց չենք կարող մութ գիշերով ձիեր վարել։ Արշալույսը մոտ է արդեն.
{{տող|50}}Ե՜կ, սպասենք, որ դյուցազուն, նիզակաճոճ Մենելաոսը Ատրիդես
Ընծաները ամբողջովին բերի, դնի կառքի վրա
Եվ, ճանապարհ մեզ դնելով, իր ողջույնի խոսքը ասի,
Քանզի չէ՞ որ ուրախությամբ պետք է հիշի հյուրն ամեն օր
Այն հյուրընկալ վսեմ մարդուն, որն ընդունեց նրան սիրով հյուրամեծար»։
Ասաց այդպես, և շատ շուտով ծագեց շողշող Արշալույսը ոսկեգահ։
Այնժամ ելավ գեղագանգուր Հեղինեի մահճի միջից
Մենելաոսն ահեղագոչ, ապա գնաց, որ հյուրերին տեսնի այնտեղ։
Այդ նկատեց Ոդիսևսի սիրանվեր որդին իսկույն.
Նա անհապաղ իր շողշողուն բաճկոնն հագավ և ուսերին
{{տող|60}}Քաշեց ծածկոցը մեծագույն, ապա գնաց, ինչպես հերոս մի մեծաքայլ,
Շեմքը անցավ նա գավիթի և դուրս եկավ շուտով նրան անդ ընդառաջ։
Եվ բարբառեց այնժամ որդին Ոդիսևսի, Տելեմաքոսն աստվածային,
«Դյուցասնունդ ով Ատրիդես, Մենելաոս դու ազգապետ.
Թույլ տուր դու այժմ, որ ես գնամ, հասնեմ երկիրն իմ սիրելի, հայրենավանդ,
Քանզի սիրտս փափագում է շատ շուտով տուն վերադառնալ»։
Պատասխանեց այնժամ նրան Մենելաոսն ահեղագոչ.
«Տելեմաքոս, ես չեմ կարող քեզ աստ պահել երկարատև,
Երբ ուզում ես դու ետ գնալ։ Եվ, հիրավի, ատում եմ ես
Հյուրընկալին, որն իր հյուրին պատվում, սիրում է չափից դուրս,
{{տող|70}}Նաև նրան, ով բնավին հյուր չի սիրում. միջինն է լավ անտարակույս:
Լավ չէ, եթե ստիպում են հյուրին մեկնել, երբ նա մեկնել չի ցանկանում,
Կամ ջանում են շա՜տ ավելի երկար պահել՝ շուտով մեկնել ցանկացողին:
Սրտանց սիրիր և ընդունիր, ով գալիս է, բայց և մեկնել կամեցողին
Ճանապարհ դիր: Բայց սպասիր, ընծաները բերեմ, դնեմ կառքիդ վրա,
Որ քո աչքով ինքդ տեսնես, այլև կանանց ես պատվիրեմ,
Որ այժմ, եղած մեր պաշարից, լավ ճաշկերույթ քեզ պատրաստեն իմ հարկի տակ
Փառավորէ և հաճելի, երբ որ հյուրը, ճաշկերույթով հյուրասիրված,
Ճանապարհվի դեպ հեռուներն անպարագիծ այս աշխարհի:
Իսկ եթե դու ցանկանում ես գնալ, շրջել Հելլադայում կամ Արգոսում,
{{տող|80}}Ինքս նաև կը գամ քեզ հետ և կլծեմ նժույգներն իմ,
Կառաջնորդեմ, որպեսզի մենք գնա՜նք, շրջենք քաղաքները շատ-շատ մարդկանց,
Եվ մեզ ոչ ոք բաց չի թողնի առանց ազնիվ նվերների,
Այլ ընծայեն կամ շքեղ սան, եռոտանի պղնձակերտ,
Կամ կորովի զույգ ջորիներ և կամ նույնիսկ պերճապաճույճ ոսկե բաժակ»։
Պատասխանեց իսկույն նրան Տելեմաքոսը խորիմաց.
Ազգերի տեր Ատրևսդի, դու, Մենելայ աստվածային.
Մտադիր եմ ես շուտափույթ վերադառնալ, գնալ մեր տուն,
{{տող|90}}Քանզի այնտեղ իմ գույքերին ես չեմ կարգել մի պահապան։
Մինչ մի գուցե, աստվածակերպ հորըս այսպես որոնելով, ես կործանվեմ,
Կամ մի գուցե անդ փչանան իմ պերճ գույքերը թանկարժեք»։
Այդ են լսել Մենելաոսն ահեղագոչ, իսկույն ևեթ
Հրամայեց ին ամուսնուն, այլև ստրուկ նաժիշտներին՝
Տանը եղած առատագույն պաշարներից սարքել շուտով ճոխ ճաշկերույթ:
Եվ մոտեցավ անժամ նրան Բոեթեդես Էտեոնևսը,
Որ մահիճից նոր վեր կացավ և ապրում էր այնտեղ մոտիկ։
Մենելաոսն հրամայեց, որ նա շուտով կրակ վառի, միս խորովի։
Չը ծուլացավ Էտեոնևսն, հնազանդվեց իսկույն նրա հրամանին,
Իսկ Մենելայն ուղղվեց, գնաց դեպի սենյակն անուշաբույր,
Բայց ոչ մենակ. ուղեկցեցին նրան նաև Մեգապենթեսն ու Հեղինեն։
{{տող|100}}Եվ երբ նրանք այնտեղ եկան, որտեղ պահված էին գույքերը թանկարժեք,
Ատրիդեսը վերցրեց անդուստ մի կրկնականթ չքնաղ գավաթ,
Իսկ իր որդուն՝ Մեգապենթին նա պատվիրեց վերցնել շքեղ, արծաթակերտ
Խառնարանը։ Մինչ Հեղինեն անդ մոտեցավ սնդուկներին, որոնց մեջ միշտ
Պահվում էին այն ձեռագործ հագուստները նկարազարդ,
Որ կարել էր ինքը անձամբ, և Հեղինեն՝ կանանց չքնաղ աստվածուհին,
Ընտրեց անդուստ գեղեցկափայլ ու նկարեն մի մեծ ծածկոց,
Որ պահվում էր բոլորի տակ ու խորքերում և շողում էր աստղերի պես։
Եվ դուրս եկան ու տան միջով նրանք անցան դեպ Տելեմաքը խորիմաց,
Այնտեղ նրան իր խոսքն ասաց Մենելայը խարտիշագեղ.
{{տող|110}}«Տելեմաքոս, թող որ Զևսը՝ որոտագոչ մեծ ամուսինը Հերայի,
Քո վերադարձն իրագործի այնպես, ինչպես քո սիրելի սիրտն է ուզում,
Իսկ ես ահա քեզ տալիս եմ իմ տանն եղած ամենապերճ
Ու թանկարժեք ընծաներից լավագույնն ու պատվավորը,
Նվիրում եմ քեզ պերճափայլ, ճարտարակերտ այս գավաթը,
Ամբողջովին արծաթաշեն, իսկ ափերը ոսկեդրվագ,
Որ կերտվածքն է Հեփեստոսի։ Ինձ դա տվեց սիդոնական թագավորը՝
Քաջ Փեգիմոսն այն ժամանակ, երբ, Տրոյայից ետ դառնալիս,
Ես հյուր եղա նրա տանը։ Ահավասիկ, քե՛զ եմ հիմա ընծայում այդ»։
Այդ ասելով՝ Ատրևսորդի մեծ հերոսը նրա ձեռքը դրեց իսկույն
{{տող|120}}Շքեղ գավաթը կրկնականթ, իսկ խառնարանը՝ շողշողուն,
Արծաթակերտ, Մեգապենթը բերեց, դրեց նրա առաջ:
Եվ մոտեցավ այդ ժամանակ ինքն Հեղինեն գեղեցկափայլ.
Նա, ծածկոցը ձեռին բռնած, անվամբ կոչեց և խոսք ասաց.
«Ահա և ես քեզ տալիս եմ այս նվերը, սիրատենչի՜կ դու իմ զավակ,
Որ գեթ հիշես Հեղինեի ձեռագործն այս, քո բաղձալի հարսանիքին.
Թող դա ծածկի քո հարսնացուն, իսկ մինչև այդ թող դա մնա ձեր հարկի տակ,
Քո սիրելի մայրիկի մոտ։ Իսկ ես հիմա մաղթում եմ քեզ
Ողջ և ուրախ վերադառնալ քո տունը պերճ և քո երկիրն
Ասաց այդպես և ընձեռեց իսկույն նրան, ուրախությամբ ընդունեց ա:
{{տող|130}}Մինչ Պիսիստրատն իսկույն վերցրեց ընծաները, հիացմունքով նայեց դրանց,
Ապա սիրով ու սրտագին դրանք դրեց կառաթափքում։
Սյնուհետև Մենելայը խարտիշագեղ նրանց կանչեց ու տուն տարավ,
Եվ բազմեցին այնտեղ նրանք աթոռներին ու փառահեղ բազմոցներին:
Աղախինը լվացվելու ջուրը բերեց ոսկեպաճույճ մի գավի մեջ,
Լցրեց նրանց, որ լվացվեն ամանի մեջ արծաթակերտ.
Քաշեց, դրեց նրանց առաջ վայելչագեղ, ողորկագույն կոկ մի սեղան:
Մառանապետ մեծարգո կինն իսկույն բերեց, դրեց այնտեղ հացը առատ,
Նաև եղած պաշարներից բազմապիսի այլ ուտեստներ:
Միսը կտրեց Բոեթեդեսն ու ամենքին անդ բաժանեց պատշաճաբար.
{{տող|140}}Սակայն գինին մատռվակից ազնիվ որդին փառապսակ Մենելայի
Ապա նրանք ձեռք մեկնեցին իրենց առջև դրված առատ ուտեստներին,
Իսկ երբ նրանք կերուխումով լավ հագեցան, ինչպես սիրտն էր փափագում այդ,
Տելեմաքոսն ու Նեստորի ազնիվ որդին իսկույն ևեթ
Ժիր նժույգները լծեցին, վեր բարձրացան կառքի վրա այն գերազարդ
Եվ դուրս եկան աղմկալի նախագավթի մուտքից իսկույն:
Մինչ դուրս եկավ ինքը նաև՝ Մենելաոս Ատրիդեսը խարտիշագեղ
Իր աջ ձեռին բռնած ոսկի բաժակը լի անուշ գինով,
Որ անդ նրանց ճանապարհի և սուրբ հեղումը կատարի։
Արդ, նա կանգնեց նժույգների առաջն այնտեղև խոսքն ասաց իր ողջույնի.
{{տող|150}}«Ուրախացե՜ք և ողջ լերուք, պատանինե՛ր, իսկ Նեստորին վեհապատիվ
Հայտնեք բարևն իմ ջերմաջերմ. նա ինձ համար հայր էր խոհեմ ու հարազատ,
Երբ որ այնտեղ, Տրոյայի մոտ, կռվում էինք մենք՝ զավակներս աքեյանց»։
Իսկույն նրան պատասխանեց և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Այո, արքա դյուցասնունդ, մենք կպատմենք այդ ամենը,
Ինչպես դու այժմ պատվիրեցիր։ Ա՜խ, երանի, ետ դառնալով դեպ Իթակե,
Ոդիսևսին տանս գտնեմ, պատմեմ նրան, թե որքա՜ն ջերմ և սիրալիր
Դու մեզ սրտանց ընդունեցիր, կամ որպիսի՛ ընծաներով եմ տուն եկել»։
Երբ նա իր խոսքն այդպես ասաց, թռավ, եկավ մեծ արծիվը սավառնաթև.
Ճանկերի մեջ բռնած ուներ այն ընտանի, բակից փախցրած, ճերմակ մի սագ,
{{տող|160}}Մինչ ետևից վազում էին, արձակելով ճիչ-աղաղակ,
Տղամարդիկ և շատ կանայք։ Թռչունն անցավ նրանց մոտով,
Ապա ձիանց աջակողմից թռավգնաց: Բոլորը այդ նկատեցին ու խնդացին,
Եվ բերկրանքով անդ բոլորի կրծքի ներքո սիրտը լցվեց,
Իսկ Պիսիստրատ Նեստորածինն իր խոսքն ասաց այդ ժամանակ.
«Մեկնի՛ր դու մեզ, Մենելաոս դյուցասնունդ, ազգերի տեր.
Մեզ համա՞ր է, թե՞ քեզ համար, որ ցույց տվեց աստվածն այդպես նշանը իր»։
Այդպես ասաց, խորասուզեց մտքերի մեջ Մենելաոսն Արեսասեր։
Երբ նա այդպես մտածում էր՝ ինչպե՛ս արդյոք արժանապես պատասխանել,
Կանխեց նրան երկայնազգեստ պերճ Հեղինեն ու խոսք ասաց.
{{տող|170}}«Ակա՜նջ դրեք, ես ահաձեզ կգուշակեմ այն, ինչ անմահ աստվածներն ինձ
Եվ իմ սրտին ներշնչում են, և այդ, կարծեմ, կկատարվի։
Ինչպես արծիվն է փախցըրել այդ ընտանի սագը ճերմակ՝
Սեգ լեռներում ծնված արծիվն, ուր նա ուներ և ձագուկներ,
Այդպես նաև Ոդիսևսը, հանդուրժելով բյուր աղետներ ու տառապանք,
Ետ կդառնա իր տունն անշուշտ և կլուծի իր վրեժը սեղեխներից,
Գուցե նույնիսկ ետ է դարձել ու նյութում է նրանց ժանտ մահ»:
Հեղինեին այնժամ իսկույն իր խոսքն ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Թող գործն այդպե՜ս հենց կատարի Զևսն՝ Հերայի ամուսինը որոտագոչ,
Այն ժամանակ աստծու պես քեզ կպաշտեմ ես սրտալի»։
{{տող|180}}Ասաց այդպես և մտրակեց իսկույն ձիանց, որոնք հապճեպ,
Ժիր սլացան ու քաղաքից դեպ լայնալիր դաշտն ընթացան:
Ամբողջ օրն այդ թռչում էին նժույգները, և անուրն էր ճոճվում նրանց։
Արդ, մայր մտավ արևն արդեն, մթնշաղը ծածկեց բոլոր ճանապարհներն։
Նրանք եկան, հասան Փերե ու կանգ առան ապարանքում Դիոկլեսի.
Սա զավակն էր աստվածածին Օրսիլոքի, թոռը աստված Ալփիոսի:
Այնտեղ ահա, նրա տանը, հյուրամեծար ընդունվելով, գիշերեցին։
Իսկ երբ ծագեց խոր խավարից ճաճանչագեղ Արշալույսը վարդամատն,
Նրանք ձիերը լծեցին և, նկարեն կառքի վրա բարձրանալով,
Աղմկալից նախագավթի մուտքից իսկույն դուրս գնացին՝
{{տող|190}}Մտրակելով նժույգներին, որոնք հլու և հնազանդ թռան անցան
Ու շատ շուտով եկան հասան Պիլոս քաղաքը բարձրաբերձ։
Տելեմաքոսն այն ժամանակ իր խոսքն ասաց Նեստործին Պիսիստրատին.
«Եկ, խոստացիր, Նեստորածին, որ դու կամքն իմ կկատարես.
Չէ՞ որ մենք այժմ ընկերներ ենք հավերժական և մտերիմ՝
Կապված սիրով մեր հայրերի. հասակակից ենք բացի այդ,
Իսկ ճանապարհն այս մեզ կապեց իրարու հետ ավելի մեծ մտերությամբ։
Դու ինձ նավից հեռու մի տար, այլ թող այնտեղ, դիցասնունդ,
Քանզի ծերուկն իր հարկի տակ ինձ ակամա պիտի պահի,
Որպեսզի լավ հյուրասիրի, մինչդեռ պետք է, որ ես գնամ այժմ անհապաղ»։
{{տող|200}}Ասաց այդպես, և մտածեց Նեստորածինն ինքը իր մեջ և իր սրտում՝
Ինչպե՞ս արդյոք այդ խոստումը ի կատարել վայելչաբար,
Եվ, այդ միտքը որոճալիս, նրան թվաց, որ լավագույնը կլինի,
Եթե կառքը ծովափ քշի, ուստի ուղղվեց նա դեպի նավն արագընթաց:
Անդ նա կանգեց ու զետեղեց նավախելում ընծաները պերճապաճույճ.
Ոսկին, հագուստն և ամեն ինչ, որ նվիրել էր Մենելայը դյուցազուն:
Ապա նրան հորդորանքով դիմեց և այս խոսքը ասաց իր թևավոր.
«Շո՜ւտ բարձրացիր նավիդ վրա, թող շտապեն նաև նավորդ ընկերներդ,
Նախքան ես տուն գնամ, հասնեմ և ծերուկի համբավը տամ:
Քանզի, ինչպես հոգով, սրտով, համոզված եմ և լավ գիտեմ,
{{տող|210}}Նա այնպիսի մի կամակոր հոգի ունի, որ ոչ միայն չի թողնի քեզ,
Այլ ինքն անձամբ այստեղ կգա քեզ կանչելու և այդպիսով, կարծում եմ ևս,
Նա ապարդյուն ետ չի դառնա կամ պետք է խիստ նա զայրանա»։
Ասաց ադպես նա բարձրաձայն ու մտրակեց նժույգներին գեղեցկաբաշ
Եվ շատ շուտով եկավ, հասավ Պիլոս քալաքն ու ապարանքն իր հայրական:
Իսկ Տելեմաքն ընկերներին հրամայեց հորդորանքով.
«Դուք, ուղեկից իմ ընկերներ, պատրաստեցեք սև նավի սարքն
Ու բարձրացեք նավի վրա, որ շատ շուտով ճանապարհվենք»։
Ասաց այդպես, և լսեցին նրանք իսկույն ու հնազանդ:
Ժիր բարձրացան նավի վրա ու բոլորը անդ բազմեցին նստիքների,
{{տող|220}}Իսկ Տելեմաքն, շտապելով, աղոթք արեց Աթենասին
Ու կատարեց անդ հեղումը,և մոտեցավ այնժամ նրան հանկարծ մի մարդ,
Հեռաբնակ օտարական, որը փախել էր Արգոսից, հանց մարդասպան:
Գոշակ է նա ու ծագումով սերնդից էր Մելամպոսի,
Ով բնակվում էր խաշնավետ Պիլոսի մեջ մի ժամանակ
Եվ հայտնի է, որպես հարուստ պիլոսացի, որ տուն ուներ մի գերհռչակ:
Սակայն հետո, փախուստ տալով հայրենիքից, գնաց դեպի այլ երկրներ,
Քանզի այդպես նա խույս տվեց խիզախ սրտի տեր Նելևսից,
Որն այնուհետ զավթեց նրա բազմաբազում կայքն ու գույքը ամբողջ տարի,
Մինչ Մելամպոսը, շղթայված, դառնության մեջ կապանքների,
{{տող|230}}Տառապում էր Փիլակոսի տանն անողորմ տանջանքի մեջ ու վշտահար
Եվ, անողոք աստվածուհի Էրինիսի ազդեցությամբ խելագարված
Ու կուրացած, խիստ փափագում էր ձեռք բերել նա Նելևսի պերճ դստրիկին.
Նա, մահից իր խուսափելով, Փիլակեից արջառները բարձրաբառաչ
Դեպի Պիլոս քշեց, տարավ ու Նելևսից այնտեղ նա իր վրեժն առավ՝
Նրա անկարգ գործի համար։ Իր եղբոր մոտ բերեց կնոջը բարեհաճ,
Սակայն ինքը թողեց, գնաց դեպի օտար, այլ երկրներ,
Դեպի Արգոսը ձիավետ, որտեղ բախտից վիճակված էր արդեն նրան
Ապրել, այլև իշխել բոլոր արգիացոց, իբրև արքա։
Այնտեղ էլ նա ամուսնացավ մի կնոջ հետ և տուն շինեց բարձրակտուր.
{{տող|240}}Ու ծնվեցին զավակներն իր՝ Անտիփատեսն ու Մանտիոսը քաջազոր։
Անտիփատից ծնվեց ապա Օիկլեսը մեծահոգի,
Օիկլեսից ծնունդ առավ Ամփիարայը մարտաշունչ,
Որին սրտանց սիրում էին ասպարակիր Զևսն երկնատեր, Ապոլլոնը.
Սակայն բնավ չկարեցավ շեմքը անցնել նա ծերության,
Այլ կործանվեց նա Թեբեում չար դավանքով իր ընչասեր, ագահ կնոջ:
Բայց նրանից ծնունդ առան զույգ զավակներ Ամփիլոքոսն, Ալկմեոնը,
Իսկ Մանտիոսից անդ ծնվեցին Կլիտոսը և Պոլիփիդեսն։
Կլիտոսին մի ժամանակ հափշտակեց Արշալույսը ոսկեգահիկ՝
Հանուն նրա գեղեցկության, որ նա ապրի հույլում հավերժ անմահների։
{{տող|250}}Մինչ քաջազոր Պոլիփիդին, երբ Ամփիարայը վախճանվեց,
Ապոլլոնը դարձրեց գուշակ, որ գերազանցն էր մարդկանցից մահկանացու:
Եվ սա, ահա, իր հոր հանդեպ խիստ զայրացած, գաղթեց, գնաց Հիպերեսիե,
Ուր ապրում էր՝ մահկանացու մարդկանց համար գուշակումներ միշտ անելով։
Ահավասիկ, դրա որդին էր իսկապես Թեոկլիմեն կոչվող մարդն այդ,
Որ մոտեցավ այն ժամանակ Տելեմաքին հանկարծակի։
Աղերսանքով աղոթում էր նա սևաթույր ու ճեպընթաց նավի վրա.
Արդ, բարձրաձայն նա բարբառեց և խոսքն ասաց իր թևավոր.
«Ո՜հ, սիրելիդ, քանի որ քեզ ես այժմ գտա զոհաբերում կատարելիս,
Աղաչում եմ, հանուն զոհիդ և աստծու, որին զոհ ես բերում այստեղ,
{{տող|260}}Հանուն անձիդ ու քո գլխի, նաև ի սեր ընկերներիդ,
Պատասխանիր դու իմ հարցին և ճշմարիտն ասա միայն.
Արդ, ո՞վ ես դու կամ ո՞ր ցեղից և որտե՞ղ են քո ծնողներն ու քաղաքը»։
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Այդքանը քեզ, օտարական, ես կպատմեմ ճշմարտացի։
Իթակեի ծնունդն եմ ես, և Ոդիսևսն էր հայրը իմ,
Եթե դեռ կա։ Բայց կործանվեց նա բերմունքով մի դառնաղետ,
Դրա համար եմ հավաքել ընկերներիս այս սևաթույր նավի վրա
Եվ աստ եկել հարցուփորձի, որ լուր լսեմ հար բացակա իմ հոր մասին»:
Նրան իսկույն ի պատասխան իր խոսքն ասաց Թեոկլիմենն աստվածային.
{{տող|270}}«Պանդուխտ եմ ես, հայրենիքից փախել եմ, զի մարդ եմ սպանել ես ցեղակից,
Որը ունի աքեյանց մեջ և Արգոսում ձիասնույց
Բազմաբազում ազգականներ ու եղբայրներ հզորազոր ու կորովի:
Ես խույս տվի նրանց ձեռքից, փախա մահվան սև օրհասից
Եվ արդ, այսպես ինձ վիճակված է թափառել միշտ մարդկանց մեջ՝
Հանց մի թշվա՜ռ փախստական, աղերսում եմ, նավիդ վրա ինձ ընդունիր,
Որպեսզի ինձ գեթ չսպանեն. հալածո՜ւմ են ինձ անողոք»։
Այնժամ նրան ի պատասխան այսպես ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Քե՜զ, որ այդպես փափագումես, ես չեմ մերժի, պատսպարել նավի վրա.
Վե՜ր կաց, նստիր և կգնանք, մեր պաշարից նաև բաժին մենք քեզ կտանք»
{{տող|280}}Ասաց այդպես, ապա վերցրեց նրա ձեռքից տեգ-նիզակը պղնձակուռ
Եվ այն դրեց իր բոլորակ ու սև նավի կոկ հատակին տախտակամած,
Ինքն էլ, հապճեպ բարձրանալով նավի վրա ծովագնաց,
Բազմեց այնտեղ նավախելին, իսկ իր կողքին նստեցըրեց Թեոկլիմեն
Նոր եկվորին: Մինչ նավորդները շուտափույթ կառանները արձակեցին,
Տելեմաքոսն հրամայեց ընկերներին հորդորանքով՝
Ամրապնդել նավասարքը։ Կատարեցին նրանք նրա պատվերն արագ,
Եղևնակերտ կայմը վերցրին ու տնկեցին խանդակի մեջ իր խորախոր,
Այնուհետև այն կապեցին չվաններով հաստ ու ամուր
Եվ քաջոլոր պինդ փոկերով տարածեցին առագաստները սպիտակ։
{{տող|290}}Մինչ Աթենաս աստվածուհին նրանց այնժամ հողմ առաքեց բարենպաստ,
Որ թունդ փչեց եթերական բարձունքներից, որպեսզի նավն
Արագ և ժիր անդ սլանա, անցնի ծովի ջրերն աղի։
Այդպես անցան նրանք Կրունեն և Քալկիսի հորդ հորձանքները թափանցիկ,
Ու մայր մտավ արևն արդեն, և խավարը պատեց շուրջը և ճանապարհն:
Մինչդեռ նավը, Զևսի հողմով շարժըվելով, հասավ Փեա
Եվ Էլիսը աստվածային, ուր իշխում են էպիացիք,
Իսկ այնտեղից Տելեմաքը նավն իր ուղղեց դեպ կղզիներն ապառաժուտ՝
Մտածելով, արդյոք մահից փրկվելո՞ւ է, թե՞ անխուսափ կկործանվի։
 
Մինչ Ոդիսևսն և խոզարածն աստվածակերպ խրճիթի մեջ
{{տող|300}}Ընթրիք էին դեռ վայելում, և հովիվներն էլ նրանց հետ։
Իսկ երբ նրանք կերուխումով լավ հագեցան, որքան սիրտն էր այդ փափագում,
Խոսքն սկսեց Ոդիսևսը, որ կամեցավ մի կերպ փորձել խոզարածին՝
Արդյո՞ք սիրով և հոգատար նա կդրդի, որ ինքը դեռ այնտեղ մնա,
Թե՞ կստիպի, հակառակը, շուտով գնալ դեպի քաղաք:
«Ակա՜նջ դիր ինձ, ով Եվմեոս և դուք, սրա ընկերներդ.
Ուզում եմ ես վաղ առավոտ քաղաք գնալ, ողորմություն այնտեղ մուրալ,
Որպեսզի քեզ, նաև քո այլ ընկերներին, զուր նեղություն չպատճառեմ:
Ու դու հիմա խորհուրդ տուր ինձ և ուղեցույց նաև մի մարդ,
Որ ինձ տանը ու տեղ հասցնի, իսկ քաղաքում ես կը շրջեմ
{{տող|310}}Եվ կմուրամ. գուցե մի թաս ինձ գինի՜ տան կամ հաց գցեն գեթ մի փշուր:
Ես կգնամ աստվածային Ոդիսևսի տունը նույնպես,
Որպեսզի անդ մի լուր հայտնեմ խոհեմամիտ Պենելոպե պերճ թագուհուն:
Այնտեղ ի դեպ կհանդիպեմ խոսնայրներին ամբարտավան,
Գուցե և տան ինձ մի բաժին ուտեստներից, որոնք շատ կան նրանց առջև։
Ես անդ նրանց կծառայեմ ինչպես հարկն է, ինչպես իրենք կցանկանան։
Ասում եմ քեզ, ինձ լավ լսիր, զրկված չեմ ես ամեն տեսակ շնորհքներից
Եվ, շնորհիվ միայն Հերմես Ուղեկցողի, որ գործերին բոլոր մարդկանց
Հաղորդում է շնորհաշուք փառքն ու պարծանքը գերազանց,
Ծառայության գործում ինձ հետ մրցել ոչ ոք չի կարենա:
{{տող|320}}Ես լավ գիտեմ վառել կրակն և փայտը գոս ջարդել կարգին,
Միսը մաս-մաս լավ կտրատել, մատըռվակել նաև գինին,
Գիտեմ և այն՝ ինչպե՛ս ստորն հաճոյանում է մեծամեծ մարդկանց հզոր»:
Այնժամ նրան դու, Եվմեոս, ո՛վ խոզարած, այս ասացիր խիստ վրդովված.
«Ոտարական, այդ ի՞նչ միտք էր, որ քո սրտում ծագեց հանկարծ:
Դու, երևի, փափագում ես անդ կործանվել միանգամից,
Եթե իրոք ցանկանում ես ժանտ հույլի մեջ մտնել նրանց,
Ում բռնությունն ու վիսությունն արդեն հասել է երկնքին։
Նաև նրանց սպասարկող ծառաները ամենին նման չեն քեզ
Պատանիներ են բոլորը, հագած ունեն լավ բաճկոններ ու պատմուճան,
{{տող|330}}Գլուխներն են նրանց մաքուր և շողշողուն, դեմքերը պերճ բերկրալի:
Նրանց առաջ դրված են միշտ կոկ սեղաններ լավ ողորկված,
Որոնք լիքն են հացով, գինով, մսեղենով միշտ ակաղձուն։
Այստե՛ղ դու կաց և ոչ ոքի դու նեղություն չես պատճառում,
Ո՛չ անձամբ ինձ, ո՛չ էլ սրանց, ինձ հետ ապրող ընկերներից մեկն ու մեկին։
Իսկ երբ հետո Ոդիսևսի սիրած որդին վերադառնա և այստե՛ղ գա,
Նա քեզ կը տա պերճ մի բաճկոն և պատմուճան, որ դու հագնես վայելչաբար,
Եվ քեզ այնտեղ նա կառաքի, ուր որ սիրտը քո ցանկանա»։
Պատասխանեց այնժամ նրան բազմաչարչար Ոդիսևսը աստվածային,
«Ա՜խ, երանի՜, ով Եվմեոս, Զևu-հոր սրտին այնքան լինես դու սիրելի,
{{տող|340}}Որքան դու ինձ ես հաճելի, որ տանջանքից ու շրջելուց ինձ փրկեցիր։
Մահկանացու մարդկանց համար ոչինչ չկա ավելի վատ, քան դեգերումն.
Մարդիկ կրում են աղետներ հանուն դաժան և անիծյալ որովայնի,
Որ ծնում է դժբախտություն և տանջալից թափառումներ մուրացկանի։
Բայց քանի որ ցանկանում ես դու ինձ առայժմ այստեղ պահել,
Այժմ ինձ պատմիր դու մո՛ր մասին աստվածակերպ Ոդիսևսի
Եվ հոր մասին նաև նրա, որին թողեց նա ծերության շեմքի առաջ։
Կենդանի՞ են արդյոք նրանք, տեսնում են լույսը արևի,
Թե՞ իսկապես մահացել են և իջել տունը Հադեսի»։
Եվ խոզարած մարդկանց տերը կրկին նրան իր խոսքն ասաց.
{{տող|350}}«Ահա ես քեզ, օտարական, այդ կպատմեմ ճշմարտացի
Լաերտը դեռ կենդանի է, բայց աղոթում է միշտ Զևսին,
Որպեսզի նա իր հարկի տակ, սեփական տանը, իր մարմնից կորզի հոգին,
Քանզի ինքը խիստ վշտահար է բացակա որդու համար,
Այլև սաստիկ ցավագար է՝ մտածելով իր իմաստուն կնոջ մասին,
Որ մահացավ վշտից անբավ ու վաղաժամ մատնեց իրեն ծերությանն այս:
Այո՛, նրան անհուն վիշտը որդու համար իր փառաշուք
Թշվառագույն մահվան մատնեց։ Եվ թող ոչ ոք, ինձ բարեկամ
Կամ սիրելի իմ մարդկանցից, այդ ժանտ մահով չմահանա:
Քանի դեռ նա կենդանի էր, թեպետ և միշտ ցավեր ուներ դառնակսկիծ,
{{տող|360}}Ես նրա հտ խոսում էի մեծ հաճույքով, հարցմունք անում ամեն անգամ։
Նա էր սնել իր դստեր հետ ինձ միասին. երկայնզգեստ ու գերազնիվ
Կտիմենեի հետ միասին, որ կրտսերն էր նրա բոլոր զավակներից։
Սննդակից էի նրան, և հարգում էր ինձ նրանից նա ոչ պակաս:
Իսկ երբ հասանք մենք երկուսով փափագելի, արբուն կյանքի,
Մարդու տարան նրան Սամե՝ վճարելով մեծ փրկագին,
Իսկ թագուհին ինձ պարգևեց այնժամ բաճկոն մի նկարեն
Ու գեղեցիկ մի պատմուճան։ Նա շնորհեց նաև մույկեր իմ ոտքերին,
Ապա դաշտը ինձ առաքեց, և այնուհետ էլ առավել սիրեց նա ինձ։
Մինչդեռ հիմա այդ ամենից զրկված եմ ես բոլորովին,
{{տող|370}}Բայց արդյունքն իմ աշխատանքի բազմապատկում են աստվածներն երջանկավետ.
Աղբյուրն է դա իմ սննդի։ Դրանով էլ հարգում եմ ես իմ հյուրերին,
Էլ չեմ լսում տանտիրուհուց ոչ քաղցր խոսք, ոչ էլ գործիս խրախուսանք
Այն օրվանից, երբ պատեցին նրա օջախն աղետները, փորձանքները,
Երբ տիրեցին սեղեխները ամբարտավան։ Ծառաները, անտարակույս,
Փափագում են զրույց անել տանտիկնոջ հետ, հարցնել, լսել
Ու նրա հետ ուտել, խմել, դաշտը տանել նրա պատգամն ու կարծիքը,
Քանզի այդպես է միշտ խնդում ծառաների սիրտն ու հոգին»։
 
Եվ Ոդիսևսն ամենիմաց պատասխանեց ու խոսք ասաց.
«Ո՜հ, Եվմեոս դու խոզարած, մի՞թե այդպես դու մանկական քո հասակից
{{տող|380}}Թափառում ես այդքան երկար, հեռու և զուրկ հայրենիքից ու ծնողից։
Ուրեմն ասա դու ինձ հիմա, սակայն պատմիր ճշմարտաբար.
Գուցե ձեռքով չար թշնամու ավերված էր լայնափողոց քաղաքը այն,
Որտեղ ապրում էին այնժամ քո հայրն ու մայրն ազնվամեծար,
Եվ կամ գուցե քեզ մեն-մենակ, անդ եզների կամ խաշինքի մոտ գտնվելիս,
Շորթել, տարել են թշնամիք իրենց նավով և վաճառել են այնուհետ
Այս տանը քեզ ու այս մարդուն՝ ստանալով արժանավոր ու մեծ վճար»։
Եվ խոզարած մարդկանց տերը նրան կրկին իր խոսքնասաց.
«Օտարական, քանի որ դու հարց ես տալիս, այժմ իմ մասին, կպատմեմ ես,
Իսկ դու հանգիստ ու լուռ լսիր և, հրճվելով, հոգեզվարճ գինի՜ն խմիր:
{{տող|390}}Գիշերն է այժմ երկարատև, և քնելու բավականին կա՜ ժամանակ,
Մենք կարող ենք հրճվանքով լի զրույց անել։ Պետք չէ բնավ քեզ, օրինակ,
Շատ վաղաժամ պառկել, քնել, քանզի չէ՞ որ շատ քնելն է վնասակար,
Իսկ մյուսները, որոնց սիրտն է փափագում այդ, թող նիրհելու գնան շուտով,
Ոպեսզի վաղ առավոտյան, արշալույսին, նախաճաշը տանն անելով,
Արքայական խոզերի հետ դուրս գան, գնան դեպի դաշտերն, արոտները,
Իսկ մենք այստեղ, այս խրճիթում, խնջույք կանենք և կխմենք
Ու մեր կրած բուր աղետներն ու տառապանքն ուրախությամբ աստ կհիշենք,
Քանզի նաև դժբախտությամբ, որն անցել է, հրճվում է սիրտը մարդու,
Որ շրջել է շա՜տ ու երկար և կրել է տառապանքները չարաչար:
{{տող|400}}Ուրեմն այսպես, պատմեմ քեզ այն, ինչ հարցնում ես և իմանալ ես ցանկանում:
Կա մի կղզի, որը կոչվում է Սիրիե, գուցե և դու այն լավ գիտես.
Օգիգիեից դեպի վերև, ուր արևը կատարում է շրջադարձն իր:
Այն այնքան էլ բազմաբնակ չէ իսկապես, բայց երջանիկ է անկասկած,
Հարուստ է այն, եզներով լի, խաշնավետ է, բազմացորեն և գինեշատ:
Ժողովրդի և ազգի մեջ սովը երբեք չի ներխուժում այնտեղ իրոք,
Եվ մահաշունչ հիվանդությունը չի տանջում մահկանացու, դժբախտ մարդկանց:
Սակայն երբ որ մարդկային ցեղն արդեն հասնում է ծերության,
Մոտենում է արծաթաղեղ Ապոլլոնը և Արտեմիսն էլ նրա հետ,
Ու հեշտ, թեթև սլաքներով, անցավագին, նրանց հանձնում է նա մահվան։
{{տող|410}}Եվ կան այնտեղ երկու քաղաք՝ ամեն բանում իրարու հետ միշտ միաբան,
Իսկ իշխողն էր այդ երկուսի աստվածակերպ հայրս արքա,
Կտեսիոսը Օրմենածին, անմահներին միշտ հավասար:
Այնտեղ եկան փյունիկեցիք, հանց նավորդներ խրոխտագույն, բայց խաբեբա,
Որոնք իրենց նավի վրա բերել էին բյուր խաղալիք զվարճալի:
Բնակվում Էր իմ հոր տանը այդ ժամանակ փյունիկեցի մի կինարմատ՝
Զքնաղագեղ, վայելչակազմ, ձեռագործի մեջ՝ մեծարվեստ։
Արդ, կնոջն այդ գրավեցին փյունիկեցիք ու խաբեցին խարդախաբար,
Երբ խորափոր նրանց նավի շրջակայքում մենակ լվացք էր նա անում:
Մեկը սիրով անդ միանում է նրա հետ. սիրտը կանանց, թույլ ու տկար,
{{տող|420}}Ընդունակ է գայթակղության, թեկուզ մինչ այդ նրանք լինեն առաքինի:
Խաբողն հարցնում է կնոջն այդ, թե ո՞վ է նա և որտեղի՞ց է ժամանել,
Ու պատմում է կինը իսկույն և ցույց տալիս իմ հոր տունը բարձրակտուր։
«Ծննդավայր իմ քաղաքն է պղնձաշատ Սիդոնը պերճ,
Դրանով էլ հպարտեմ ես: Դստրիկն եմ ես մեծահարուստ Արիբասի.
Մի օր, երբ ես, վերադառնում, գալիս էի դեպի մեր տուն,
Տափոսացի ծովահեններն ինձ փախցըրին անսպասելի
Եվ բերելով ապա այստեղ, այդ մեծ մարդուն, նրա տանը
Վաճառեցին, որից և մեծ, արժանավոր գին ստացան»։
Եվ հարցնում է ծովահենը, որ կնոջ հետ անդ միացել էր գաղտնաբար.
{{տող|430}}«Արդյոք հիմա չե՞ս ցանկանում վերադառնալ քո հայրենիք,
Որպեսզի անդ կրկին տեսնես քո հորն ու մորը ձեր տան մեջ այն բարձրահարկ,
Որոնք դեռ կան, կենդանի են և ապրում են՝ վեհ ու հարուստ»:
Կինը նորից պատասխանում, խոսք է ասում փյունիկեցուն.
«Ուզում եմ այդ, փափագատենչ կցանկանամ, եթե երդվեք դուք, նավորդներ,
Ու երաշխիք տաք, իսկապես, որ անվտանգ ինձ կտանեք, կհասցնեք տուն»։
Ասաց այդպես, կատարեցին նրանք բոլորն այնպես, ինչպես պահանջեց նա։
Երբ, այդպիսով, յուրաքանչյուրը նրանցից երդում տվեց,
Կինը կրկին անդ բարբառեց և այս խոսքը նրանց ասաց.
«Լուռ կացեք դուք, թող սա մեր մեջ, գաղտնի մնա, թող այդ մասին ընկերներից
{{տող|440}}Ինձ հետ ոչ ոք էլ չխոսի աղբյուրի մոտ կամ ճամփեքին հանդիպելիս,
Որ մեկն ու մեկն, տուն գնալով, այդ չպատմի անդ ծերուկին:
Կասկածելով՝ նա կարող է ինձ անողոք կապանքներով այժմ շղթայել,
Եվ բացի այդ ձեզ համար էլ նա կնյութի մահ և կորուստ:
Խոսքն այս պահեք դուք ձեր սրտում, որպես գաղտնիք, կատարեցեք ձեր գնումներն,
Սակայն երբ որ պաշարներով ու պարենով լցված լինի ձեր նավն արդեն,
Այնժամ իսկույն մարդ ուղարկեք, որ գա մեր տուն և համբավ տա ինձ գաղտնաբար։
Ես կվերցնեմ հետ ոսկի, որքան այնտեղ ձեռքս ընկնի,
Եվ բացի այդ ես ձեզ կտամ նաև մի լավ ուղեվճար:
Ապարանքում իմ իշխանի ես սնում եմ նրա փորքիկ երեխային,
{{տող|450}}Որ խելք է և ժրաժիր վազվզում է, դուրս է գնում տնից ինձ հետ։
Այլև նրան դեպի նավը ես կբերեմ, և կստանաք դուք մեծ վճար,
Եթե նրան դուք վաճառեք այլալեզու մարդկանց մի կերպ»։
Այդ ասելով՝ կինը թողեց ու հեռացավ դեպի մեր տունը պերճափայլ։
Փյունիկեցիք ամբողջ տարի անդ մնացին, բյուր գնումներ կատարեցին.
Ձեռք բերելով շատ-շատ պարեն՝ բարձեցին սև ու խորափոր իրենց նավին։
Երբ կորակոր նավն էր արդեն բարձված, պատրաստ, որ ճանապարհ ընկնի շուտով,
Նրանք իսկույն մարդ հղեցին, որ այն կնոջն, իբրև բանբեր, իմաց անի։
Ահավասիկ, մեր տուն եկավ այնժամ մի մարդ բազմահնար և խորամանկ՝
Ձեռքին բռնած ոսկի մանյակ, որ մեջընդմեջ շարված ուներ և թահրիրար:
{{տող|460}}Երբ մեր տան մեջ ստրկուհիք և իմ մայրը գերամեծար
Հրապուրված նայում էին ու շատ մեծ գին առաջարկում այդ մանյակին,
Եկվորը լուռ ու գաղտնաբար աչքով արեց անդ այն կնոջն, իբրև համբավ։
Այդպես, նրան նշան տալով, նա ետ դարձավ, գնաց դեպի խորափոր նավ,
Մինչդեռ կինը ինձ մոտեցավ, ձեռքս բռնեց և դուրս տարավ տանից հապճեպ:
Եվ, դուրս գալով, մեր գավիթում նա նկատեց շատ գավաթներ ու սեղաններ,
Քանզի խնջույք էին արել մարդիկ իմ հոր հետ միասին,
Իսկ այդ պահին մեկնել էին դեպի ատյանը խորհրդի։
Կինը վերցրեց գաղտագողի երեք գավաթ, ապա թաքցրեց իր կրծքի տակ
Եվ շուտափույթ առաջ անցավ, իսկ ես նրան հետևեցի հիմարաբար։
{{տող|470}}Արևն արդեն մայր էր մտել, և խավարն էր ծածկել բոլոր ճանապարներն,
Մինչ մենք, արագ ընթանալով, եկանք հասանք նավակայանը փառաշուք.
Անդ կանգնած էր փյունիկեցոց ծովագնաց նավը արագ։
Նրանք իսկույն նավ բարձրացան և, վերցնելով մեզ իրենց հետ,
Ժիր ճեղքեցին ճանապարհները ծովային։ Զևսն առաքեց հողմ հաջողակ,
Ու մենք վեց օր և վեց գիշեր լող տվեցինք անդուլորեն։
Իսկ երբ Զևսը Կրոնոսյան յոթերորդ օրն արդեն բերեց,
Այն կնոջը զարկեց հանկարծ Արտեմիսը սլաքներով իր մահաբեր.
Նա գլորվեց ու ցած ընկավ նավին, ինչպես ծովային ճայ
Իսկ նավաստիք դուրս նետեցին, որ ձկներին ու փոկերին նա կեր դառնա:
{{տող|480}}Եվ ես անտեր անդ մնացի՝ սրտով տխուր ու վշտահար:
Հողմն ու ալիքը քշեցին նրանց նավը ու բերեցին աստ, Իթակե,
Ապա Լաերտն այստեղ փողով ինձ գնեց ու ձեռք բերեց,
Ահավասիկ ես այսպիսով այս երկիրը տեսա աչքով»։
Եվ Ոդիսևսն աստվածազարմ պատասխանեց ու խոսք ասաց.
«Ո՜վ Եվմեոս, սիրտս խորունկ դու հուզեցիր իմ կրծքի տակ,
Մանրամասն աստ պատմելով, թե որքա՜ն ես սրտով կրել դու տառապանք։
Զևսը, աակայն, դժբախտության փոխարենը բարություն է քեզ շնորհել.
Բյուր աղետներ կրելուց ետ, դու մտել ես տունը մարդու այս սիրալիր,
Որն հոգատար քեզ տալիս է և՛ կերակուր, և ամեն ինչ առատորեն,
{{տող|490}}Եվ ապրում ես, ահավասիկ, կյանքով խաղաղ ու երջանիկ։ Իսկ ես ավա՜ղ,
Մահկանացու մարդկանց մեջ զուրկ, անապավեն՝ հար շրջելով այստեղ եկա»։
Այդպես ահա զրույց էին նրանք անում իրարու հետ
Եվ քուն մտան նրանք այնտեղ վերջ ի վերջո, բայց ոչ երկար ժամանակով,
Քանզի շուտով արդեն ծագեց անդ Արշալույսը ոսկեգահ։
Մինչ Տելեմաքն ու ընկերներն հասան ցամաք, առագաստներն հավաքեցին,
Ցած բերեցին կայմն ու սարքը, նավը իսկույն ներս քշեցին նավակայան
Ու ձգեցին խարիսխն հապճեպ, նավակառանը կապեցին չվաններով,
Իսկ իրենք էլ, նավը թողած, շուտ դուրս եկան ափը ծովի ալեկոծվող
Ու ճոխ ընթրիք պատրաստեցին, ջուրն ու գինին խառնարանի մեջ խառնեցին։
{{տող|500}}Իսկ երբ նրանք կերուխումով լավ հագեցան, որքան սիրտն էր փափագում այդ,
Այնժամ նրանց իր խոսքն ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Դուք այժմ արդեն դեպի քաղաք տարեք նավը մեր սևաթույր,
Իսկ ես հիմա դաշտ կգնամ, որ այցելեմ հովիվներին,
Ստուգեմ այնտեղ նրանց գործը։ Երեկոյան քաղաք կգամ,
Առավոտյան` ձեզ, իբրև վարձ ուղեկցության, ես կսարքեմ ճոխ ճաշկերույթ,
Կհարգեմ ձեզ առատ մսով և մեղրահամ քաղցր գինով»։
Այնժամ նրան իր խոսքն ասաց Տեոկլիմենն աստվածակերպ.
«Իսկ ե՞ս ապա, ո՞վ սիրելի դու իմ զավակ, որտե՞ղ պիտի գնամ հիմա,
Ապառաժուտ Իթակեի իշխաններից ո՞ւմ կարող եմ ես այժմ դիմել։
{{տող|510}}Գուցե շարժվեմ, ուղիղ գնամ դեպ քո մայրը և տունը քո»:
Եվ Տելեմաքը խորիմաց ի պատասխան այս խոսքն ասաց.
«Մի ա՛յլ դեպքում, այլ ժամանակ, կկանչեի, որ անպայման դու մեզ մոտ գաս.
Անդ պատիվը իմ հարկի տակ միշտ կլիներ քեզ անպակաս:
Մինչդեռ հիմա վատ կլինի հենց քեզ համար, երբ բացակա ես ես տնից,
Իսկ իմ մորը դու չես տեսնի, չի երևում սեղեխների աչքին բնավ,
Այլ վերնատանն, ոստայնի մոտ, միշտ կտավ է գործում, հյուսում նա մեն-մենակ:
Սակայն ես քեզ ցույց կտամ այժմ ուրիշ մի մարդ, գնա դեպի հյուրամեծար
Դու Եվրիմաքն, որ քաջասիրտ ազնիվ որդին է փառավոր Պոլիբոսի:
Իթակեում նրան նայում, հարգում են այժմ աստվածաչափ,
{{տող|520}}Ազնվագույնն է նա բոլորից և խնդրում է ձեռքը իմ մոր ամենից շատ,
Որ ստանա ու ձեռք բերի Ոդիսևսի փառք ու պատիվը գերապանծ։
Սակայն միայն եթերի մեջ կյանք վայելող Օլիմպացի Զևսը գիտի,
Որ նախքան այդ հարսանիքը, նրանց օրհասը կործանում կպատրաստի»:
Ասաց այդպես, և աջ կողմից հանկարծ թռավ, անցավ թռչուն մի կորովի.
Հզոր բազեն, Ապոլլոնի հաղթ բանբերը արագաթիռ՝
Ճանկում բռնած մի աղավնի։ Փետում էր նա փետուրները այդ աղավնու
Եվ ցած թափում երկրի վրա, միջև ուղիղ Տելեմաքի ու սև նավի։
Այդ ժամանակ Թեոկլիմենն իսկույն նրա ձեռքը բռնեց,
Մի կողմ տարավ ընկերներից, անվամբ կոչեց և այս ասաց.
{{տող|530}}«Տելեմաքոս, տես, աջ կողմից թռչունը ոչ-առանց Զևսի իմացության
Սահեց, անցավ: Ես նայեցի դրա դեմքին. թռչունն էր դա գուշակության:
Լավ իմացիր, բացի ձեզնից, Իթակեի ազգին իշխող արքայազոր
Լինելու չէ ոչ մի այլ ցեղ, դո՛ւք կլինեք միայն իշխողն իշխանատեր»։
Նրան իսկույն ի պատասխան իր խոսքն ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Երանի՜ թե, օտարական, քո գուշակումն այդ կատարվի.
Եվ կտեսնես այնժամ անշուշտ դու իմ սերը և քեզ տրվող բյուր ընծաներն,
Իսկ ով այդպե՛ս քեզ հանդիպի, պիտ համարի քեզ երջանիկ ու փ առավոր»։
Ասաց այդպես և խոսքն ուղղեց հավատարիմ ընկերոջն իր՝ Պիրեոսին.
«Կլիտիոսյան դու Պիրեոս, դեպի Պիլոս ինձ հետ եկած
{{տող|540}}Ընկերներից ամենից շատ դու էիր միշտ հավատարիմ և ինձ լսող:
Ահավասիկ, օտարական դու այս մարդուն վերցրու ու տար քո տունն հիմա
Եվ հոգատար հյուրասիրիր ու մեծարիր, մինչև որ ես ետ գամ կրկին»։
Իսկույն նրան ի պատասխան իր խոսքն ասաց Պիրեոսը նիզակափառ
«Տելեմաքոս, եթե նույնիսկ դու շա՜տ երկար ժամանակով այնտեղ մնաս,
Սրա մասին ես կհոգամ, և չի ըզգա մեծարանքի ոչ մի պակաս»։
Այդ ասելով՝ նավ բարձրացավ ու պատվիրեց ընկերներին,
Որ և նրանք շուտ բարձրանան նավի վրա ու կարանները արձակեն:
Նրանք այդ ժիր կատարեցին ու նստեցին նստիքներին:
Մինչ Տելեմաքն իր ոտքերին կապեց մույկերը գեղեցիկ,
{{տող|550}}Վերցրեց ապա նա անհապաղ նավի վրայից տախտակամած՝
Նիզակն ամուր, պղնձասայր։ Կառանները նրանք իսկույն արձակեցին
Ու, մեկնելով ծովի ափից, շուտ նավեցին դեպի քաղաք,
Ինչպես արդեն պատվիրել էր Տելեմաքոսն, որդին դյուցազն Ոդիսևսի
Իսկ ինքը արագաքայլ շարժվեց, գնաց և շատ շուտով փարախն հասավ,
Որ բազմաբյուր կային խոզեր, ուր բնակվում էր խոզարածն
Առմիշտ բարի, տիրոջ գույքին միշտ հոգատար ու սրտացավ։
</poem>
== Երգ տասնվեցերորդ։ Տելեմաքոսը ճանաչում է իր հորը ==
96
edits