=== II։ Բախտորոշ մի պահ ===
Հայր Պաիսին չսխալվեց անշուշտ, երբ որոշեց, թե իր «սիրելի տղան» կվերադառնա նորից, և գուցե նույնիսկ կռահեց (թեկուզ ոչ լրիվ, բայց այնուամենայնիվ խորաթափանցորեն) Ալյոշայի հոգեվիճակի բուն իմաստը։ Եվ սակայն խոստովանում եմ անկեղծորեն, որ ինձ համար էվ էլ շատ դժվար կլիներ հիմա որոշապես բացահայտել բուն իմաստը այդ տարօրինակ ու տարտամ պահի, որ հասել էր իմ այնքա՜ն սիրած ու դեռ այնքա՜ն երիտասարդ հերոսի կյանքում։ Հայր Պաիսիի տված վշտագին հարցին՝ «Միթե դո՞ւ ևս թերահավատների հետ ես», կարող էի անշուշտ վստահորեն պատասխանել Աշյոշայի փոխարեն. «Ոչ, նա թերահավատների հետ չէ»։ Նույնիսկ ավելին. ճիշտ հակառակն էր տեղի ունեցել՝ նրա շփոթմունքն առաջացել էր հենց այն պատճառով, որ նա շատ էր հավատում։ Բայց համենայն դեպս շփոթմունքն առաջացել էր ու կար, և այնքա՜ն տանջալից էր, որ նույնիսկ հետագայում, երկար ժամանակ անցնելուց հետո, Ալյոշան իր կյանքի ամենածանր ու ճակատագրական օրերից մեկն էր համարում այդ վշտալի օրը։ Իսկ եթե ուղղակի հարցնեն՝ «Բայց մի՞թե այդ ամբողջ վիշտն ու այդպիսի տագնապը կարող էին նրա մեջ առաջ գալ պարզ այն պատճառով, որ նրա սրբահոր մարմինը, փոխանակ անմիջապես բուժական զորություն ի հայտ բերելու, ընդհակառակն, այդպիսի կանխահաս նեխման ենթարկվեց», ես կպատասխանեմ առանց երկմտության. «Այո, իրոք այդպես էր»։ Միայն թե կխնդրեի ընթերցողից, որ դեռ չշտապի ծիծաղի առարկա դարձնել իմ պատանի հերոսի մաքուր սիրտը։ Իսկ ինքս ոչ միայն մտադիր չեմ ներողամտություն խնդրելու նրա նկատմամբ և կամ նրա պարզամիտ հավատքն արդարացնելու, օրինակ, պատանեկան տարիքի թերություններով կամ էլ ուսման մեջ նրա ունեցած նվազ առաջադիմությամբ և այլն, և այլն, ընդհակառակն, նույնիսկ հայտարարում եմ անվարան, որ անկեղծ հարգանք եմ զգում նրա սրտի այդ բնատուր հատկության հանդեպ։ Իհարկե, մի ուրիշ պատանի, որ զգուշությամբ է ընկալում սրտաշարժ տպավորությունները և որ արդեն կարող է սիրել ոչ թե խանդակաթ ջերմությամբ, այլ պարզապես գաղջորեն, թեկուզ և ուղղակշիռ, բայց տարիքի համեմատ չափազանց խոհեմ (ուստի և էժանագին) խելքով, այդպիսի պատանին, ասում եմ, կխուսափեր այն բանից, որ պատահեց իմ նորատի հերոսին։ Բայց որոշ դեպքերում, ճիշտն ասած, ավելի պատվաբեր է անձնատուր լինել թեկուզ անխոհեմ, բայց այնուամենայնիվ մեծ սիրուց ծնված զգացմունքի, քան բոլորովին չենթարկվել դրան։ Եվ առավել ևս՝ պատանեկան տարիքում, որովհետև անբարեհույս է այն պատանին, որ չափից դուրս հարատևորեն խոհեմություն է անում, և չի կարելի մի մեծ արժեք տալ նրան. ահա՛ իմ կարծիքը։ «Բայց,— գուցե բացականչեն հիմա խելամիտ մարդիկ,— չի կարող ամեն մի պատանի այդպիսի նախապաշարմունքի հավատալ, և ձեր պատանի հերոսը օրինակ չէ մնացյալների համար». Դրան ես դարձյալ կպատասխանեմ՝ այո, իմ պատանի հերոսը հավատում էր, հավատում էր սրբանվեր ու անսասան, բայց այնուամենայնիվ ես ներողամտություն չեմ խնդրում նրա նկատմամբ։
Գիտե՞ք ինչ. թեև ես քիչ առաջ հայտարարեցի (և գուցե շատ հապճեպորեն), որ չեմ սկսի բացատրություններ տալ ու արդարացնել իմ հերոսին, բայց տեսնում եմ, որ համենայն դեպս անհրաժեշտ է պարզել մի որոշ բան, որպեսզի հասկանալի լինի պատմության հետագա ընթացքը։ Ուրեմն ասեմ ահա. խնդիրն այստեղ հրաշքը չէ։ Թեթևամիտ անհամբերությամբ չէ, որ Ալյոշան հրաշքի էր սպասում։ Եվ ոչ թե ինչ֊որ համոզմունքների հաղթանակի համար էր, որ հրաշք էր պետք նրան այն ժամանակ (այդ արդեն բոլորովին բացառված է), ոչ թե ինչ֊որ կանխակալ գաղափարի համար, որ մի ուրիշ գաղափարի վրա հաղթանակ տաներ շուտով, ո՜չ, ամենևին ոչ. այդ բոլորի մեջ ամենից առաջ տեսնում էր մի դեմք, ու միայն մի դեմք՝ դեմքն իր սիրեցյալ սրբահոր, դեմքն այն արդարակյաց մարդու, որին նա այդպես պաշտելու չափ մեծարում էր։ Հենց այս է խնդիրը, «բոլորի և ամեն ինչի» նկատմամբ այն սերը, որ պահված էր նրա պատանեկան մաքուր սրտում, այդ օրերին ու նախորդող ամբողջ տարվա ընթացքում կարծես լիովին կենտրոնանում էր (և գուցե նույնիսկ սխալ կերպով) լոկ մի էակի վրա առավելապես, գոնե իր սրտի ուժեղագույն մղումների դբսևորման պահին. և այդ էակը իր սիրեցյալ սրբահայրն էր՝ այժմ արդեն հանգուցյալ, ճիշտ է, այդ էակն այնքա՜ն երկար ժամանակ նրա առաջ կանգնել էր որպես անվիճելի իդեալ, որ նրա սրտի բոլոր թարմ ուժերը չէին կարող արդեն չձգտել բացառապես դեպի այդ իդեալը, մերթ ընդ մերթ «բոլորին և ամեն ինչ» մոռանալու աստիճան։ (Հետագայում ինքն էր հիշում, որ այդ ծանր օրվա ընթացքում բոլորովին մոռացավ իր եղբայր Դմիտրիին, որի մասին այնքա՜ն մտահոգվել ու տրտմել էր նախորդ օրը. մոռացավ նաև երկու հարյուր ռուբլին տանել Իլյուշայի հայրիկին, մի բան, որ այնպիսի եռանդով մտադրել էր կատարել նույնպես նախորդ օրը)։ Սակայն դարձյալ՝ ոչ թե հրաշք էր պետք նրան, այլ լոկ «գերագույն արդարություն», որ խախտվել էր ի հեճուկս իր հավատքի, որով և այնքա՜ն դաժանորեն ու անակնկալորեն վիրավորվել էր իր սիրտը։ Եվ ի՜նչ փույթ, թե այդ «արդարությունը», իրերի իսկ բերումով, հրաշքի ձև էր ստացել Ալյոշայի ակնկալությունների մեջ, այն հրաշքի, որ անմիջականորեն սպասվում էր իր պաշտած առաջնորդի աճյունից։ Չէ՞ որ վանքում բոլորն էլ այդպես էին մտածում ու ակնկալում, նույնիսկ նրանք, որոնց խելքի առաջ խոնարհվում էր Ալյոշան. հենց հայր Պաիսին, օրինակ։ Եվ ահա Ալյոշան, առանց տարակույսներով խռովելու ինքն իրեն, իր իղձերին էլ տվեց այն նույն ձևը, որ բոլորն էին տվել։ Եվ վաղուց արդեն նրա սիրտն այդ կերտվածքն էր ստացել, մի ամբողջ տարվա վանական կյանքի սովորությամբ, և նա արդեն վարժվել էր այդպես ակնկալելու։ Բայց նա ծարավի էր արդարության, արդարությա՜ն, և ոչ թե լոկ հրաշքի։ Եվ ահա այն մարդը, որ, ըստ Ալյոշայի ակնկալության, պետք է բոլորից վեր դասվեր ամբողջ աշխարհում, այդ նո՜ւյն մարդն ահա, փոխանակ իրեն արժանի փառքով փառավորվելու, հանկարծ տապալվել ու անարգվել էր։ Վասն ինչի՞։ Ո՞վ էր դատել։ Ո՞վ կարող էր այդպիսի վճիռ արձակել։ Ահա այն հարցերը, որ անմիջապես տանջեցին նրա անփորձ ու կուսական սիրտը։ Չէր կարող նա առանց վիրավորանք կրելու, առանց սրտակտուր ցասման հանդուրժել, որ արդարների մեջ արդարագույնը մատնվի ամբոխի չարախինդ ծաղրուծանակին, այնքա՜ն թեթևամիտ և նրանից այնքա՜ն ցածր կանգնած ամբոխի։ Դե լավ, թող բոլորովին էլ հրաշք չպատահեր, թող ոչ մի հրաշակերպ բան չհայտնվեր ու չարդարանային անմիջական ակնկալությունները, բայց ինչո՞ւ այս անփառունակությո՜ւնը հայտնվեց, ինչո՞ւ թույլատրվեց այս նախատի՜նքը, ինչո՞ւ եղավ այս շուտափույթ նեխո՜ւմը, «որ բնությունը կանխեց», ինչպես չարամիտ վանականներն էին ասում։ Ինչո՞ւ այս «նշանը», որ նրանք այնպես հաղթականորեն հետևցնում են հայր Ֆերապոնտի հետ միասին, և ինչո՞ւ նրանք հավատում են, թե նույնիսկ իրավունք են ստացել այդպես հետևցնելու։ Իսկ ո՞ւր է նախախնամությունը և մատը նրա։ Ինչո՞ւ նախախնամությունը թաքցրեց իր մատը «ամենակարևոր րոպեին» (մտածում էր Ալյոշան) և կարծես ինքն իսկ ուզեց ենթարկվել բնության կույր, համր, անողոք օրենքներին։