Changes

Վերադարձ ԽՍՀՄ֊ից

Ավելացվել է 1 բայտ, 12:26, 13 Հուլիսի 2013
/* II — Օստրովսկի */
:   Օստրովսկու մասին ես կարող եմ խոսել միայն խորագույն հարգանքով։ Եթե մենք ԽՍՀՄ֊ում չլինեինք, կասեի, որ նա սուրբ է։ Կրոնն ավելի պայծառ դեմքեր չի ունեցել։ Նա միակը չէ, որ նման անձանց ծնունդ կարող է տալ։ Օստրովսկին դրա ապարույցն է։ Խորին համոզմունքը բավական է այստեղ, առանց ապագա փոխհատուցման, քան խստագույն պարտականություն կատարած լինելու բավարարման զգացումը։
:   Դժբախտ պատահարի հետեւանքով Օստրովսկին կորցրեց տեսողությունը եւ ամբողջովին հաշմանդամ դարձավ… Թվում է, թե զրկվելով արտաքին աշխարհի հետ բոլոր կապերից եւ ասես ի վիճակի չլինելով հող գտնել ընդարձակվելու համար, Օստրովսկու հոգին ձգվել է դեպի վեր։
:   Մենք շտապում ենք նրա մահճակալի մոտ, որը նա արդեն վաղուղ վաղուց չի լքել։ Ես նստում եմ նրա սնարի մոտ, մեկնում ձեռքս, որ նա բռնում է, կամ, ավելի ճիշտ, խլում է, ինչպես կյանքի մեկնած մի հենարան, եւ մեկ ժամ տեւած մեր այցելության ողջ ընթացքում նրա նիհար մատներն անդադար շոյում են իմ մատները, հյուսվում նրանց՝ ինձ հաղորդելով նրա համակրանքի դողդոջ շունչը։
:   Օստրովսկին ոչինչ չի տեսնում, սակայն նա խոսում է, լսում, նրա միտքը սրվում է, քանզի երբեք ոչինչ չի շեղում այն, բացի թերեւս ֆիզիկական ցավից։ Բայց նա չի տրտնջում, եւ նրա նիհար, գեղեցիկ դեմքը դեռ կարողանում է ժպտալ՝ չնայած դանդաղ հոգեվարքին։
:   Սենյակը, որտեղ նա պառկած է, լուսավոր է, բաց պատուհաններից ներս է հորդում թռչունների երգը, այգու ծաղիկների բույրը։ Ի՜նչ խաղաղ է այստեղ ամեն ինչ։ Մայրը, քույրը, ընկերները, այցելուները լուռ նստած են նրա մահճակալից ոչ հեռու՝ լսելով մեզ եւ երբեմն֊երբեմն որոշ գրառումներ անելով մեր խոսակցությունից։ Ես ասում եմ Օստրովսկուն, թե ինչպիսի արտառոց ուժ է հորդում իմ մեջ նրա ներկայությունից։ Բայց այդ գովեստն ասես անհանգստություն է պատճառում նրան․ հիանալ պետք է ԽՍՀՄ֊ով, նրա կատարած մեծ գործերով․ նրան միայն դա է հետաքրքրում, ոչ անձամբ ինքը։ Երեք անգամ հրաժեշտ եմ տալիս՝ վախենալով նրան հոգնեցնել, քանզի կարող եմ ենթադրել, թե որքան հյուծող է նման երկարատեւ խանդավառությունը։ Բայց նա ինձ խնդրում է քիչ էլ մնալ․ զգում եմ, որ խոսելու կարիք ունի։ Նա կշարունակի խոսել եւ մեր գնալուց հետո․ իսկ խոսել նրա համար նշանակում է թելադրել։ Հենց այդպես է նա գրել իր կյանքի մասին պատմող գիրքը։ Նա ինձ ասում է, որ հիմա մի ուրիշ գիրք է թելադրում։ Առավոտից մինչեւ երեկո եւ մինչեւ ուշ գիշեր նա աշխատում է։ Թելադրում է անդադար։