«Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «ԲՈՒԻ ԱՌԱՋԱԲԱՆ Պարո՛ն նկարիչներ, տե՛ր հրատարակիչներ, պարո՛ն բանաստեղծ, ես մի քանի դիտողություն ո...»:)
(Տարբերություն չկա)

20:50, 2 Օգոստոսի 2013-ի տարբերակ

ԲՈՒԻ ԱՌԱՋԱԲԱՆ

Պարո՛ն նկարիչներ, տե՛ր հրատարակիչներ, պարո՛ն բանաստեղծ, ես մի քանի դիտողություն ունեմ ձեզ անելու ձեր առաջին հրատարակության առթիվ: Ինչպե՜ս. այս խոշոր գրքի, այս փղի մեջ, դուք, որ տասնութ հոգով փորձում եք այն մղել դեպի փառքը, չեք գտել ամենափոքրիկ մի տեղ Միներվայի թռչունի` իմաստուն բուի, խոհեմ բուի համար: Գերմանիայում և այս Ֆլանդրիայում, որ դուք այդքան սիրում եք, ես շարունակ ճամփորդում եմ Ուլենշպիգելի ուսի վրա, իսկ նա այդպես է կոչվում, որովհետև նրա անունը նշանակում է բու և հայելի` իմաստություն և կատակերգություն` uvl en spiegel: Իսկ Դամմեյի բնակիչները, ուր նա ծնվել է, ասում են, թե արտասանում են Ulenspiegel` սղելով և uv-ի փոխարեն u արտասանելու նրանց սովորությամբ: Դա նրանց գործն է: Դուք երևակայեցիք մեկ այլ մեկնություն Ulen (փոխանակ` Ulieden) Spiegel-ի` ձեր հայելին, ձեր, գեղջուկնե՛ր ու սեպուհնե՛ր, կառավարվողնե՛ր ու կառավարողնե՛ր, մի դրաշրջանի հիմարությունների, ծիծաղելի բաների և ոճրագործությունների հայելին: Դա հնարամիտ էր, բայց ոչ բանական: Ամենևին պետք չէ խզել կապը ավանդույթից: