«Տարօնականության Մասին»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Տարօնականության Մասին |հեղինակ = Գարեգին Նժդեհ }} Կատեգորիա:Հրապարակախոս...»:) |
(Տարբերություն չկա)
|
Ընթացիկ տարբերակը 04:14, 19 Օգոստոսի 2013-ի դրությամբ
հեղինակ՝ Գարեգին Նժդեհ |
Սխալ է, աւելին՝ ոճիր է կարծել, թէ բոլոր ճշմարտութիւնները մարդու պէս մահկանացու են, թէ նրանք էլ մեզ պէս ծնւում են, ապրում, սպառւում, մեռնում:
Ո՛չ, ո՛չ, ճշմարտութիւններ կան, որոնք անմեռ են, յաւիտենական, ինչպէս ինքը՝ ժամանակը:
Այդ կարգի ճշմարտութիւններից են նրանք, որոնք վերաբերում են հայրենիքին, մահուան, յաղթանակին, առաջնորդին, պարտականութեան եւ այլն:
Այդ ճշմարտութիւնները իրենց արիւնով կնքած ու դարերին եւ սերունդներին կտակ են թողած Մամիկոնեան ռազմիկները:
Եթէ բանանք դարերի գերեզմանը եւ խօսեցնենք հայոց պատմութեան մէջ յաւերժացած այդ անմահներին, նրանք պիտի ասեն.
«Մեր օրով ղեկավարի եւ զինուորի համար ոչինչ արժէր կեանքը, երբ Հայրենիքը վտանգի մէջ էր»:
«Մեր օրով կանգուն մնաց Հայաստանը, որովհետեւ մենք գիտցանք երես-երեսի գալ, դէմ-հանդիման կանգնել գերագոյն պարտա-կանութեան, ինչպէս հաւատաւորը՝ իր Աստուծոյ առջեւ:
«Մեր օրով հայը մնաց անպարտելի, որովհետեւ մենք գիտցանք զգալ սրբազանի ներկայութիւնը կեանքի եւ պատմութեան մէջ. գիտցանք մեր առօրեային խառնել յաւիտենականի հոգսերը:
«Մենք գիտցանք չափուել մեզնից գերազանց ոյժերի հետ, որովհետեւ սովոր էինք չտագնապել վտանգի մեծութենէն, որովհետեւ մեր օրով կեանքի կոչուեց «անմահից գունդը»:
«Մենք մնացինք յաղթական, որովհետեւ մեր օրով յաղթական մահն էր մարդկային արժէքի եւ արժանիքների միակ չափանիշը, որովհետեւ իրապէս կը գիտակցէինք զոհի եւ զոհաբերութեան անհրա-ժեշտութիւնը եւ անխուսափելիութիւնը՝ հայրենի հողի համար:
«Մենք եղանք զօրաւոր, որովհետեւ մենք մօտիկ էինք կանգնած մեր ցեղի ճակատագրին, շա՛տ մօտիկ, զայն շօշափելու աստիճան, եւ հենց այդ էր պատճառը, որ մեր օրով հայը եղաւ ռազմունակ եւ տիրասէր:
«Մեր օրով էլ «աղուէսը» յաճախ կը հաջողէր խեղդել զսպուած վագրն ու առիւծը - Ձիրաւի դիւցազունը՝ Մուշեղ - պիտի սպանուէր «ի մտաց թեթեւ» Վարազդատէն - մեր ժամանակ էլ կար ներքին տկա-րութիւնը, մահաթոյն նախանձը, չարութիւնը, բայց եւ այնպէս, հակառակ որ մեր մի բազուկը զբաղեցրինք թիկունքում - մենք երբե՛ք չտարա-կուսեցինք, թէ մեր թափած արիւնը փրկարար է հայրենի երկրի համար եւ թէ մենք պիտի յաղթանակենք:
«Մեր օրով հայ զէնքը պարտութիւն չտեսաւ, որովհետեւ ամեն Մամիկոնեան հայոց բախտը պատմութեան կողմից իր ձեռքը տրուած համարեց եւ այդ գիտակցութեամբ իրեն անսպառ ոյժ եւ արիութիւն ներշնչեց:
«Մեր օրով առաջնորդութեան գաղափարը կապուած էր վտանգի, հերոսականի եւ գիտակցական մահուան հետ. տարօնաշունչ հայը իր մահով կը յաղթանակէր մահը եւ իրեն կ’ենթարկէր յաւիտենական կեանքը՝ անմահութիւնը:
«Մեր օրով հրամայելու - երբ վարող եւ հրամայող չկայ՝ ժողովուրդն աստիճանաբար վարժւում է իր դանդաղ հոգեվարքին - մեր օրով հրամայելու եւ հրամայուելու անդիմադրելի մղում կար. կար դժուարութեանց եւ վտանգներին կուրծք տալու արիութիւն, կռիւներում քրտնելու քաղցրութիւն. մենք գիտցանք հրաժարուել մեր անձէն, երբ պէտք էր մեռնել:
«Մեր օրով, որպէս հայ եւ մարտիկ մենք երբե՛ք չտկարացանք, որովհետեւ մեր բազուկը կը վարէր Վահագնը, իսկ մեր խղճմտանքը՝ ուխտապահութեան մեր հեթանոս աստուած Միհրը»:
- * *
Որքան ցեղահոգ, այնքան սրտառուչ է Տ. Տ. Հ. Միութեան կեդր. վարչութեան առած որոշումը-դեկտեմբեր ամիսը յայտարարել տարօնա-կան վերածնունդի ամիս:
Վերածնունդ - դա ասել է՝ ամօթի ու ցաւի խոր գիտակցութեամբ զգալ, որ այսօր այն չես, ինչ որ էիր եւ որ ուխտել ես աշխատել վաղը դառնալ ա՛յն, ինչ որ էիր:
Ժողովուրդների ապագան իրենց հերոսաբար ապրելու, պայքա-րելու եւ զոհաբերելու կամքի մէջ է:
Հենց ա՛յդ ասել է տարօնականութիւն - ապրե՛լ, պայքարե՛լ զոհա-բերե՛լ: Տարօնականութիւն է Մամիկոնեան հսկաներէն Վարդանի ուխտը - այնպիսի գործ մը պիտի գործեմ, որ ամբողջ աշխարհի պատմուի մինչեւ յաւիտեան:
Դա դաւադրուած Մուշեղ զօրավարի անճառելի դառնութիւնն է - ո՛ւր էր, թէ ձիու վրայ հանդիպէր մահը:
Դա մեր ազգային երրորդ ապստամբութեան ղեկավարների բարձր ըմբռնումն է - մեր ձեռնարկը կնոջ եւ զաւակների համար չէ:
Դա հայ սպարապետի լացն է, որ չէ մեռնում գոռ ճակատա-մարտերում՝ Հայաստանի համար:
Դա Մանուէլ Մամիկոնեանի ցեղային արդար իրաւունքի գիտակցութիւնն է - ինչ որ ինձ ժառանգութեան կ’իյնայ, թագաւորը՝ օտարը, չի կրնար ուրիշի տալ:
Տարօնականութի՛ւն - դա Մեսրոպի անմահ գործն է, որ կարելի դարձաւ որովհետեւ հայ սուրը պաշտպան կանգնեց նրան:
Դա հայ ռազմիկի գործն է, որ յաղթական եղաւ, որովհետեւ Հայ եկեղեցին օրհնեց նրան:
Տարօնականութի՛ւն, ասել է՝ ցեղայն հզօր եւ անզիջող անհատա-կանութիւն:
Դա ասել է՝ թոյլ մի՛ տար, որ ցեղիդ ստեղծագործութեան ու հայրենաշինութեան շղթան ընդհատուի:
Դա նոր ուխտ է տարօնաշունչ Մեսրոպների, Պարթեւների, որենացիների շունչով օծուն իմացական նոր առիւծներ հասցնելու:
Դա ձգտումն է՝ վազքը մեր ցեղի ոգու - մեր լուսեղէն նշանագրերի - դէպի արեւը, կեանքի աղբիւրը, լոյսը:
Դա մեր հաւատքն է, թէ մեր այնքան արգասաւոր ցեղը դեռ պիտի կրկնէ իր զօրաւոր զաւակները - Վարդանները, Մուշեղները,Վահանները, որ նա պիտի հասցնէ հերոսական սքանչելիքներ գործելու վտանգի մի նոր սերունդ:
Դա ցեղի անմահ ընտրանիի գործը շարունակելու ուխտն է:
Դա ասել է՝ հպատակութիւն ցեղին:
Դա ասել է՝ մտածումիդ, ապրումիդ եւ գործիդ մէջ ցեղը դի՛ր:
Դա ե՛ւ հերոսապաշտութիւն է, ե՛ւ նոր հերոսական ծարաւ:
Կե՛ղծ է, մեռեա՛լ է ա՛յն պաշտանքը, որը պատմական գործերի չի մղում սերունդները:
Կորա՛ծ է այն ժողովուրդը, որի հերոսները կը մնան որպէս մեռեալ իրականութիւն:
Տարօնականութիւնը - դա ցասմնալի մի անէծք է Հայաստանին ծառայելու պատրաստ հայու նուիրումն ու գործը դժուարացնող ներքին չարութեան դէմ:
Յաշտիշա՛տ, զոհափառ, զոհաշատ - ահա՛ այն անունը, որ կը խորհրդանշէ Տարօն աշխարհը եւ իմաստը կը կազմէ տարօնակա-նութեան:
Վերջապէս, տարօնականութիւնը մի վճռական միջոց է օրուայ մեր ազգային կեանքը թունաւորող հոգեւոր մանրուքի եւ գաղափարների քաոսի դէմ:
Դա, մեր հասկացողութեամբ, միաժամանակ, մի բողոք է մեր հաւաքական տկարութիւնը սնուցանող, պարտուողական, թուլօրօր քարոզչութեան դէմ:
- * *
Հին, ցեղահոգ իմաստութիւնն ասել է - եթէ կ’ուզես մէկին բարութիւն անել, բարութիւն արա՛ նրա զաւակներին:
Կուզէ՞ք նպաստել տարօնականութեան տարածման - Մամիկոնեանների ոգով դաստիարակեցէ՛ք նորահաս սերունդը:
«Ռազմիկ»,Պլովդիվ, 1938թ., թիւ 46