Changes
/* Գլուխ տասներորդ */
Նետերից մեկը խրվել էր Կիրայի կոկորդը, իսկ մյուսը կուրծքը։ Նա գրկեց աղջկան ու տարավ դրեց մահճակալին։ «Կիրա․․․», ― ձայն տվեց նա։ Աղջիկը հեծկլտաց ու ձգվեց․ ― «Կիրա․․․», ― ասաց նա։ Աղջիկը չպատասխանեց։ Նա մի քիչ կանգնած մնաց աղջկա գլխավերևում, հետո վերցրեց սրերն ու աստիճաններով դանդաղ իջավ միջանցք, սպասելով, թե երբ պիտի դուռը տեղահան լինի։
==Վերջաբան==
― Իսկ հետո՞, ― հարցրեց Անկան։
Պաշկան հայացքը հեռացրեց, մի քանի անգամ խփեց ծնկանը, կռացավ ու ձեռքը մեկնեց իր ոտքի տակ մորուն։ Անկան սպասում էր։
― Հետո․․․ ― մրմնջաց նա։ ― Մի խոսքով, ոչ ոք չգիտի, թե ինչ եղավ հետո, Անկա։ Հաղորդիչը նա տանն էր թողել, ու երբ տունը բոցավառվեց, պարեկային դիրիժաբլից հասկացան, որ վիճակը վատ է, և իսկույն գնացին Արկանար։ Համենայն դեպս, քնեցնող գազով գլաններ նետեցին քաղաքի վրա։ Տունն արդեն մխում էր։ Սկզբում շփոթվեցին, չգիտեին որտեղ փնտրել նրան, բայց հետո տեսան․․․ ― Նա լռեց։ ― Մի խոսքով երևում էր, թե նա ուր է գնացել։
Պաշկան լռեց և սկսեց մեկ֊մեկ բերանը գցել մորիները։
― Հետո՞, ― կամացուկ հարցրեց Անկան։
― Եկան պալատ։ Ու այնտեղ էլ գտան նրան։
― Ինչպե՞ս։
― Դե, նա քնած էր։ Ու շուրջը․․․ Բոլորը․․․ նույնպես պառկած էին։ Մի քանիսը քնած էին, իսկ ոմանք էլ․․․ այսպես․․․ Դոն Ռեբային էլ այնտեղ գտան․․․ ― Պաշկան արագ նայեց Անկային ու նորից հայացքը փախցրեց։ ― Վերցրին նրան, այսինքն՝ Անտոնին, բերեցին Բազա․․․ Հասկանում ես Անկա, ախր նա ոչ մի բան չի պատմում։ Նա ընդհանրապես շատ քիչ է խոսում հիմա։
Անկան նստել էր գունատված ու շատ ուղիղ, և Պաշկայի գլխի վերևով նայում էր տան դիմացի մարգագետնին։ Մեղմիկ օրորվելով սոսափում էին սոճիները, կապույտ երկնքում դանդաղ սահում էին փետրավոր ամպերը։
― Իսկ աղջիկն ի՞նչ եղավ, ― հարցրեց նա։
― Չգիտեմ, ― չոր ասաց Պաշկան։
― Լսիր Պաշկա, ― ասաց Անկան, ― գուցե պետք չէ՞ր, որ ես գայի այստեղ։
― Չէ, ինչ ես ասում։ Ես կարծում եմ, որ նա կուրախանա քեզ տեսնելով․․․
― Իսկ ինձ շարունակ թվում է, որ նա թաքնվել է թփերի մեջ, նայում է մեզ ու սպասում, թե ես երբ պիտի գնամ։
Պաշկան քմծիծաղեց։
― Չէ՜ մի, ― ասաց նա։ ― Անտոնը չի նստի թփերի մեջ։ Պարզապես նա չգիտի, որ դու այստեղ ես։ Երևի ինչ֊որ տեղ ձուկ է բռնում․․․
― Իսկ քեզ հետ ո՞նց է։
― Մի կերպ։ Դիմանում է։ Բայց թե դա ուրիշ․․․
Նրանք լռեցին։
― Անկա, ― ասաց Պաշկան։ ― Հիշո՞ւմ ես անիզոտրոպ խճուղին։
Անկան կնճռոտեց ճակատը։
― Որ խճուղի՞ն։
― Անիզոտրոպ։ Այնտեղ մի «աղյուս էր կախված։ Հիշո՞ւմ ես, մենք երեքով․․․
― Հիշում եմ։ Դա Անտոնն ասաց, որ խճուղին «անիզոտրոպ» է։
― Այն ժամանակ Անտոնը մտավ «աղյուսի» տակ, իսկ երբ հետ եկավ, ասաց, որ իբր այնտեղ պայթեցված կամուրջ է գտել ու մեկ էլ գնդացրին կպած ֆաշիստի կմախք։
― Չեմ հիշում, ― ասաց Անկան։ ― Հետո՞։
― Ես հիմա շատ հաճախ եմ հիշում այդ խճուղին, ― ասաց Պաշկան։ ― Ասես ինչ֊որ կապ կա․․․ Խճուղին անիզոտրոպ էր, ինչպես որ պատմությունը։ Հետ գնալ չի կարելի։ Իսկ նա գնաց։ Ու դեմ առավ կմախքին։
― Ես քեզ չեմ հասկանում։ Կմախքն այստեղ ի՞նչ գործ ունի։
― Չգիտեմ, ― խոստովանեց Պաշկան։ ― Ինձ այդպես է թվում։
Անկան ասաց․
― Դու մի՛ թողնի, որ նա շատ մտածի։ Անընդհատ նրա հետ խոսիր ինչ֊որ բաների մասին։ Ինչ֊որ հիմարություններ ասա։ Թող նա վիճի։
Պաշկան հառաչեց։
― Ես ինքս էլ դա գիտեմ։ Բայց դե նրան ի՞նչ պիտի անեմ իմ հիմարություններով․․․ Լսում է, ժպտում ու ասում․ «Պաշկա, դու այստեղ նստիր, իսկ ես մի քիչ ման կգամ»։ Ու գնում է․․․ Իսկ ես նստած եմ մնում․․․ Սկզբում հիմարի պես թաքուն գնում էի նրա հետևից, իսկ հիմա նստում եմ ու սպասում։ Այ եթե դու․․․
Հանկարծ Անկան վեր կացավ։ Պաշկան էլ շրջվեց ու նույնպես վեր կացավ։ Անկան շունչը պահած նայում էր, ինչպես է բացատի միջով իրենց կողմը գալիս Անտոնը՝ վիթխարի, լայնաթիկունք, սպիտակ դեմքով։ Նա բոլորովին չէր փոխվել, և միշտ էլ մի քիչ մռայլ էր։
Անկան գնաց նրան ընդառաջ։
― Անկա՜, ― քնքշորեն ասաց նա։ ― Անկա, սիրելիս․․․
Նա աղջկան մեկնեց իր վիթխարի ձեռքերը։ Աղջիկը վեհերոտ ձգվեց դեպի նա ու իսկույն էլ հետ քաշվեց։ Նրա մատների վրա․․․ Բայց դա արյուն չէր, այլ․․․ մորու հյութ։