Changes

Վինի֊Թուխը եւ բոլորը֊բոլորը

Ավելացվել է 28 367 բայտ, 13:18, 9 Սեպտեմբերի 2013
— Սիրելի Վա՛գր, ինչքան ուրա՜խ եմ, որ տեսնում եմ քեզ, — գոռաց Ճագարը։
 
==ԳԼՈՒԽ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ==
 
:Որտեղ Դնչիկը մեծ սխրանք
:::է գործում
 
Մտախոհ Վայրը գտնվում էր Վինի֊Թուխի եւ Դնչիկի տներից հավասար հեռավորության վրա, այսինքն՝ նրանց տների միջեւ ընկած ճանապարհի ճիշտ կեսին։ Երբեմն, երբ ուզում էին տեսնել իրար, նրանք հանդիպում էին այստեղ, եւ Մտախոհ Վայրում այնքան տաք էր ու խաղաղ, որ նրանք սիրում էին մի քիչ նստել ու մտածել, թե ինչով զբաղվեն հիմա, երբ արդեն հանդիպել են։ Իսկ մի անգամ, երբ նրանք որոշեցին ոչ մի բանով չզբաղվել, Թուխն այդ վայրի մասին նույնիսկ հատուկ ոտանավոր հորինեց, որպեսզի բոլորն իմանային, թե այն ինչի համար է նախատեսված։
 
<poem>
Սիրում է Արջն այստեղ
Երբեմն նստել,
Ու մտածել՝
Լավ կլիներ զբաղվեի մի բանով։
Չէ՞ որ բարձր սարից
Նա չի թափ առել,
Որ կարողանա
Ողջ օրը անգործ թափառել։
</poem>
 
Եվ ահա մի աշնանային առավոտ, երբ քամին ծառերից գիշերը պոկել էր բոլոր տերեւները, իսկ հիմա փորձում էր ճյուղերը պոկել, Թուխն ու Դնչիկը նստել էին Մտախոհ Վայրում եւ դարձյալ մտածում էին, թե ինչով զբաղվեն։
 
— Ես մտածում եմ,— ասաց Թուխը, — որ ես մտածում եմ ահա թե ինչ․ վատ չէր լինի, եթե հիմա Թուխի Սոճուտ գնայինք ու տեսնեինք Իային, որովհետեւ երեւի քամին տարել է նրա տունը, եւ նա, երեւի, շատ կուրախանա, եթե մենք տունը նորից սարքենք։
 
— Իսկ ես մտածում եմ, ասաց Դնչիկը, — որ ես մտածում եմ ահա թե ինչ․ վատ չէր լինի, եթե հիմա այցելենք Քրիստոֆեր Ռոբինին, միայն թե նրան տանը չենք գտնի, այնպես որ չենք կարող գնալ։
 
— Արի այցելենք բոլորին֊բոլորին,— ասաց Թուխը,— որովհետեւ շատ հաճելի է, երբ դրսում սառելուց հետո հանկարծ մտնում ես մեկի տունը, եւ նա ասում է քեզ․ «Ողջույն, Թուխ, ճիշտ ժամին եկար։ Արդեն ժամանակն է, որ փորներս մի բանով լցնենք»։
 
Դնչիկն ասաց, որ բոլորին֊բոլորին այցելելու համար շատ լուրջ պատրվակ է պետք, եւ Թուխը թող որեւէ պատրվակ գտնի, եթե կարող է։
 
Թուխը իհարկե, ասաց․
 
— Մենք կայցելենք բոլորին, որովհետեւ այսօր հինգշաբթի է։ Մենք կշնորհավորենք նրանց ու կմաղթենք Շատ Հաճելի Հինգշաբթի։ Գնացինք, Դնչիկ։
 
Բարեկամները ոտքի կանգնեցին, բայց Դնչիկը տեղնուտեղը նորից նստեց, որովհետեւ չգիտեր, թե ի՛նչ ուժեղ քամի է։
 
Եվ երբ Թուխը նրան օգնեց ոտքի կանգնել, նրանք ճանապարհ ընկան։
 
Առաջինը նրանց Թուխի տնակը պատահեց, եւ պատկերացնում եք, երբ նրանք եկան, տանտերը՝ բոլորիդ լավ ծանոթ արջուկ Թուխը տանն էր, նրանց ներս հրավիրեց ու հյուրասիրեց ինչպես պետքն էր։
 
Հետո նրանք ուղեւորվեցին Կենգուի մոտ, միմյանց ձեռքից բռնած ու շարունակ գոռալով․ «Հը, ի՛նչ ասացիր», «Ի՞նչ, ի՞նչ», «Ես չեմ լսում»։ Եվ մինչեւ տեղ հասան, այնպես էին հոգնել, որ ստիպված էին երկար մնալ Կենգուի տանը ու մի անգամ էլ նախաճաշեցին։
 
Երբ բարեկամները նորից հայտնվեցին դրսում, նրանց թվաց, որ ավելի է ցրտել, եւ մեկական զույգ ոտք էլ փոխ առած, վազեցին Ճագարի մոտ։
 
— Մենք եկել ենք մաղթելու քեզ Շատ Հաճելի Հինգշաբթի,— ասաց Թուխը մի երկու անգամ դուրս ու ներս անելուց եւ համոզվելուց հետո, որ Ճագարի դուռը չի նիհարել։
 
— Իսկ ի՞նչ է տեղի ունենալու հինգշաբթի օրը,— հարցրեց Ճագարը։
 
Երբ Թուխը բացատրեց, թե ինչ, Ճագարը, որի կյանքը Խիստ Կարեւոր Գործերից էր բաղկացած, ասաց․ «Ա֊ա՜, ես էլ կարծեցի իսկապես գործով եք եկել», եւ Թուխն ու Դնչիկը մեկ֊երկու րոպե նստեցին… իսկ հետո շարունակեցին ճանապարհը։ Հիմա քամին նրանց մեջքին էր փչում, այնպես, որ կարող էին խոսել առանց գոռալու։
 
— Ճագարը խելացի է,— մտախոհ ասաց Թուխը։
 
— Այո, — ասաց Դնչիկը,— Ճագարը խորամանկ է։
 
— Նրա Ուղեղը իսկական է։
 
— Այո,— ասաց Դնչիկը, — Ճագարի Ուղեղը իսկական է։
 
Երկարատեւ լռություն տիրեց։
 
— Երեւի դրա համար էլ,— վերջապես ասաց Թուխը, — երեւի դրա համար էլ նա երբեք ոչինչ չի հասկանում։
 
Քրիստոֆեր Ռոբինը արդեն տանն էր, եւ իր բարեկամներին տեսնելով այնքան ուրախացավ, որ Թուխն ու Դնչիկը նրա մոտ մնացին համարյա մինչեւ ճաշի ժամը եւ համարյա ճաշեցին (այսինքն՝ այնպիսի ճաշ կերան, որը կարելի է հեշտությամբ մոռանալ) ու շտապեցին Թուխի Սոճուտ, որպեսզի հասցնեն տեսնել Իային եւ չուշանան Բուի Իսկական Ճաշից։
 
— Բարեւ, Իա, ուրախ ձայն տվեցին նրանք իշուկին։
 
— Ա՜,— ասաց Իան, — մոլորվե՞լ եք։
 
— Ի՜նչ ես ասում։ Պարզապես քեզ տեսնելու ենք եկել,— ասաց Դնչիկը,— որ իմանանք ինչպես է իրեն զգում տունդ։ Թուխ, նայի՛ր, Իայի տունը դեռ կանգուն է։
 
— Իսկապես, շատ տարօրինակ է,— ասաց Իան,— Այո, արդեն վաղուց ժամանակն է, որ որեւէ մեկը գա ու քանդի։ Ինչպես է, որ մինչեւ հիմա ոչ մեկի մտքով չի անցել։
 
— Մենք մտածում էինք, որ քամին տունդ տապալած կլինի,— ասաց Թուխը։
 
— Ախ այդպե՜ս։ Դրա համար էլ ոչ ոք իրեն նեղություն չի տվել։ Իսկ ես կարծում էի, որ տանս մասին պարզապես մոռացել են։
 
— Մենք շատ ուրախ ենք, որ տեսանք քեզ, Իա, իսկ հիմա պետք է Բուին այցելենք։
 
— Խնդրեմ։ Բուն շատ սիրալիր է դարձել։ Օրերս նա թռչում էր այստեղով եւ նկատեց ինձ։ Նա, իհարկե, չխոսեց, հետս, բայց գիտեր, որ այդ ես եմ։ Մեծ սիրալիություն է նրա կողմից։
 
Սիրտ է ջերմացնում։
 
Թուխն ու Դնչիկը մի քիչ հետ֊հետ գնացին ու ասացին․ «Դե, ցտեսություն, Իա», աշխատելով չշտապել, բայց նրանք դեր երկար ճանապարհ ունեին գնալու եւ շատ էին ուզում ժամանակին տեղ հասնել։
 
— Ցտեսություն,— ասաց Իան։ — Զգույշ եղիր, որ քամին քեզ չտանի, փոքրիկ Դնչիկ։ Քո պակասությունը շատ կզգացվի։ Շատերը հետաքրքրությամբ կհարցնեն․ «Քամին ո՞ւր է քշել փոքրիկ Դնչիկին»։ Դե, ցտեսություն։ Շնորհակալ եմ ձեզանից, որ պատահաբար անցնում էիք այստեղով։
 
— Ցտեսություն,— վերջին անգամ ասացին Թուխն ու Դնչիկը եւ շարժվեցին դեպի Բուի տունը։
 
Հիմա քամին դիմացից էր փչում, եւ Դնչիկի ականջները փողփողում էին դրոշակների նման, աշխատելով ամեն կերպ պոկվել տիրոջից, որն առանց այդ էլ հերոսական ջանքերով էր առաջ շարժվում։ Նրան թվում էր, ժամեր անցան, մինչեւ վերջապես իր ականջները ապահով թաքրցեց Ծավուտ Անտառի խաղախ կամարների տակ։ Այստեղ նրա ականջները սովորական դիրք ընդունեցին եւ, իհարկե, ոչ առանց հուզմունքի, լսում էին, թե ծառերի կատարների մեջ ինչպես է ոռնում մրրիկը։
 
— Թուխ, ենթադրենք թե ծառը շուռ եկավ, երբ մենք կանգնած ենք նրա տակ, — ասաց Դնչիկը։ — Ի՞նչ կպատահի, ի՞նչ ես կարծում։
 
— Ավելի լավ է ենթադրենք, որ շուռ չի գա, — մի քիչ մտածելուց հետո ասաց Թուխը։
 
Այդ ենթադրությունը Դնչիկին մխիթարեց, եւ քիչ հետո բարեկամներն ուրախ ու զվարթ կանգնած էին Բուի դռանը եւ միմյանց հերթ չտալով քաշում ու զանգահարում էին։
 
— Բարեւ, Բու,— ասաց Թուխը, — հույս ունեմ, որ մենք չենք ուշացել, հա… Ես ուզում եմ ասել՝ ո՞նց ես ապրում, Բու։ Մենք Դնչիկի հետ որոշեցինք այցելել քեզ, որովհետեւ այսօր Հինգշաբթի է։
 
— Նստիր, Թուխ, նստիր, նստիր, Դնչիկ,— սիրալիր ասաց Բուն։ — Ձեզ զգացեք ինպչես տանը։
 
Նրանք շնորհակալություն հայտնեցին եւ տեղավորվեցին ինչպես կարող էին։
 
— Հասկանում ես, Բու, մենք շատ էինք շտապում, որ կարողանայինք հասնել ճա… Այսինքն՝ որ հասցնեինք տեսնել քեզ գնալուց առաջ։
 
Բուն արժանապատվությամբ գլխով արեց։
 
— Ուղղեցեք ինձ, եթե ես սխալվում եմ, — ասաց նա, — բայց մի՞թե ես իրավացի չեմ, ենթադրելով, որ դրսում խիստ փոթորկոտ օր է։
 
— Խիստ,— ասաց Դնչիկը, որ կրակի մոտ ականջներն էր տաքացնում, երազելով միայն մի բան, որ ողջ ու անվնաս տուն հասնի։
 
— Ես այդպես էլ կարծում էի,— ասաց Բուն։ — Ես ահա, հենց մի այդպիսի փոթորկոտ օր իմ մորեղբայր Ռոբերտը, որի դիմանկարը, Դնչիկ, դու տեսնում ես քեզանից աջ, իմ մորեղբայր Ռոբերտը, ուշ ժամին վերադառնալով տուն… Սա ի՞նչ բան է։
 
Սարսափելի դղրդյուն լսվեց։
 
— Զգուշացե՜ք, — գոռաց Թուխը։— Զգուշացե՜ք, ժամացույցը։ Դնչի՛կ, մի կողմ փախի։ Դնչի՛կ, ես ընկնում եմ քեզ վրա։
 
Թուխի կողմի պատը դանդաղ բարձրանում էր վեր, եւ Թուխի բազկաթոռը սահում էր Դնչիկի բազկաթոռի կողմը։ Պատի ժամացույցը ցատկեց վառարանի վրա, հետո չմոռացավ սեղանից հավաքել բոլոր ծաղկամանները, իսկ ավելի հետո այդ բոլորը միասին համերաշխ թափվեցին այնտեղ, ինչը քիչ առաջ հատակ էր, իսկ հիմա փորձում էր հասկանալ, թե կկարողանա այսուհետեւ նույնքան էլ բարեխիղճ պատ լինել։
 
Մորեղբայր Ռոբերտը երեւի որոշել էր գորգ դառնալ ու չմոռացավ իր հետեւից քարշ տալ նաեւ ծանոթ պատը, եւ Դնչիկի բազկաթոռի վրա հարձակվեց ճիշտ այն պահին, երբ Դնչիկը փորձում էր դուրս գալ այնտեղից։
 
Մի խոսքով, որոշ ժամանակ պարզապես անհնարին էր որոշել, թե որ կողմում է հյուսիսը… Հետո նորից սարսափելի դղրդյուն լսվեց… սենյակը տենդագին ցնցվեց… եւ, վերջապես, լռություն տիրեց։
 
Անկյունում շարժվեց սփռոցը։ Նա կծիկ դարձավ ու գլորվեց սենյակի երկարությամբ։ Հետո մի քանի անգամ ցատկոտեց ու նրա միջից երկու ականջ երեւացին։ Սփռոցը նորից գլորվեց սենյակի երկարությամբ, այս անգամ՝ հակառակ ուղղությամբ, եւ բացվեց։
 
— Թո՛ւխ,— անհանգիստ ասաց Դնչիկը։
 
— Ի՞նչ,— ասաց բազկաթոռներից մեկը։
 
— Որտե՞ղ ենք մենք։
 
— Ես էլ չեմ հասկանում,— պատասխանեց բազկաթոռը։
 
— Մենք… Մենք Բուի տա՞նն ենք։
 
— Երեւի այո, որովհետեւ մենք հենց նոր պատրաստվում էինք թեյ խմել եւ այդպես էլ չխմեցինք։
 
— Թո՛ւխ,— բացականչեց Դնչիկը,— Բուի փոստարկղը առա՞ջ էլ առաստաղի վրա էր։
 
— Բայց մի՞թե այնտեղ է։
 
— Ինքդ նայիր։
 
— Չեմ կարող,— ասաց Թուխը,— ես պառկած եմ փորիս վրա, իսկ իմ վրա էլ ուրիշ բան է պառկած։ Այս դիրքում, Դնչիկ, շատ դժվար է առաստաղին նայել։
 
— Մի խոսքով, առաստաղի վրա է։
 
— Երեւի փոխադրվել է այնտեղ,— ենթադրեց Թուխը,— բազմազանության համար։
 
Հակառակ անկյունում սեղանի տակ ինչ֊որ քաշքշուկ բարձրացավ, եւ Բուն վերադարձավ հյուրերի մոտ։
 
— Դնչի՛կ,— խիստ բարկացած ասաց Բուն։ — Որտե՞ղ է Թուխը։
 
— Ես ինքս էլ լավ չեմ հասկանում,— ասաց Թուխը։
 
Բուն ձայնի վրա շրջվեց ու խստորեն նայեց Թուխի այն մասին, որը դեռ երեւում էր։
 
— Թուխ,— հանդիմանանքով ասաց նա,— սա քո՞ արածն էր։
 
— Ոչ,— ասաց Թուխը,— չեմ կարծում։
 
— Այդ դեպքում ո՞ւմ։
 
— Կարծում եմ քամու,— ասաց Դնչիկը։— Կարծում եմ, որ քամին տունդ շուռ է տվել։
 
— Ախ, ահա թե ի՜նչ։ Իսկ ես կարծում էի, որ դա Թուխի արածն է։
 
— Ոչ,— ասաց Թուխը։
 
— Եթե քամին է արել,— բարձրաձայն մտածեց Բուն,— ուրեմն Թուխը մեղավոր չի։ Նշանակում է, պատասխանատվությունը չի կարող նրա վրա դրվել։
 
Եվ Բուն թռավ վերեւ, երեւի հիանալու իր նոր առաստաղով։
 
— Դնչի՛կ, Դնչի՛կ,— շշնջաց Թուխը։
 
Դնչիկը կռացավ նրա վրա։
 
— Ի՞նչ, Թուխ։
 
— Բուն ասաց ի՞նչ է դրված վրաս։
 
— Նա ասաց, որ քեզ չի մեղադրում։
 
— Ա֊ա՜, իսկ ես կարծեցի նկատի ուներ այն… ինչ ինձ վրա է ընկել։ Հիմա համաձայն եմ։
 
— Բու,— ասաց Դնչիկը,— խնդրում եմ, իջիր եւ օգնիր Թուխին դուրս գալու։
 
Բուն, որ չէր կշտանում իր փոստարկղով հիանալուց (իսկ փոստարկղը մետաղալարից էր, դռան վրա էլ ճեղք կար «Թերթերի ու նամակների համար» մակագրությամբ, միայն թե մակագրությունը հիմա չէր երեւում, որովհետեւ դրսի կողմից էր), թռավ ցած։ Դնչիկն ու նա երկար ժամանակ քաշքշում ու հրում էին բազկաթոռը եւ, վերջապես, Թուխը դուրս եկավ նրա տակից ու կարողացավ շուրջը նայել։
 
— Այո,— ասաց Բուն, — աննախանձելի վիճակ է։
 
— Ի՞նչ ենք անելու, Թո՛ւխ։ Դու կարո՞ղ ես որեւէ բան մտածել,— հարցրեց Դնչիկը։
 
— Այո, ես հենց նոր ինչ֊որ բան մտածում էի,— ասաց Թուխը։ — Ես մտածում էի մի փոքր բանի մասին։ — Եվ նա երգեց, ավելի ճիշտ՝ հեւաց։
 
:<b>ՀԵՎՀԵՎԻԿ</b>
 
<poem>
Գլխիվայր շուռ եկած,
Ոտքերս վեր տնկած,
Դիմանում էի մի կերպ դողահար․
Ծաղրածուն կրկեսի
նախանձեր ինձ պիտի,
Բայց Արջի բանը ուրիշ է, դժվար։
Իսկ հետո փռվեցի
Ու ձեւեր թափեցի՝
Թե որոշել եմ ննջմնջել մի քիչ․
 
Ու պառկած խեղճ փորիս
Հիշեցի մուսայիս,
Բայց նա լքել էր իր Պոետին (ինձ)։
Ի՜նչ արած,
Եթե մենք
Բազմոցում ընկողմած,
Միշտ չէ, որ տեր ենք հանգին ու վանկին․
Ի՞նչ երգի ձեզ Արջը,
Այդ խեղճ լայնականջը՝
Ծանր բազմոցը առած շալակին։
 
</poem>
 
Ահա եւ բոլորը,— ասաց Թուխը։
 
Դնչիկն ուզում էր ասել՝ «Թուխ, ոչ թե բազմոց, այլ բազկաթոռը», բայց Բուն կանխեց նրան։ Նա մի քանի անգամ մեծամտորեն հազաց, ասելով, որ եթե Թուխը համոզված է, որ վերջացրել է, ապա իրենք կարող են իրենց մտավոր ընդունակությունները վերջապես ի սպաս դնել Ելք Գտնելու Խնդիրն։
 
— Որովհետեւ,— ասաց Բուն, — մենք չենք կարող այստեղից դուրս գալ այն ճանապարհով, որը սովորաբար կոչվում է Մուտքի կամ Ելքի Դուռ։ Նրա վրա ինչ֊որ բան է ընկել։
 
— Այդ դեպքում ուրիշ էլ ինչպե՞ս կարելի է դուրս գալ,— վախեցած հարցրեց Դնչիկը։
 
— Դա էլ հենց այն Խնդիրն է, Դնչիկ, որի լուծման համար ես Թուխին խնդրեցի ի սպաս դնել իր Մտավոր Ընդունակությունները։
 
Թուխը նստեց հաատկին (որը մի ժամանակ պատ էր), հայացքը առաստաղին հառեց, (որը մի ժամանակ նույնպես պատ էր եւ մուտքի դուռ ուներ, որը մի ժամանակ մուտքի դուռ էր) եւ փորձեց ի սպաս դնել իր Մտավոր Ընդունակությունները։
 
— Բու, դու չե՞ս կարող Դնչիկին մեջքիդ առած թռչել մինչեւ փոստարկղը,— հարցրեց նա։
 
— Ոչ, — վրա տվեց Դնչիկը,— նա չի՛ կարող, չի՛ կարող։
 
Բուն սկսեց բացատրել, թե ինչ բան է Անհրաժեշտ կամ Համապատասխան Մկանային համակարգը։ Արդեն մի անգամ նա այդ բանը բացատրել էր Թուխին ու Քրիստոֆեր Ռոբինին եւ սպասում էր հարմար առիթի, որպեսզի կրկներ իր բացատրությունը, որովհետեւ դա մի այնպիսի բան է, որը դուք հանգիստ կարող եք բացատրել երկու անգամ, չվախենալով, որ ինչ֊որ մեկը ձեզ կհասկանա։
 
— Որովհետեւ, հասկանո՞ւմ ես, Բու, եթե մեզ հաջողվի Դնչիկին փոստարկղի մեջ մտցնել, նա կկարողանա խցկվել ճեղքից, որով նամակներ են անցնում, կիջնի ծառից ու կվազի օգնություն կանչելու,— բացատրեց Թուխը։
 
Դնչիկն անմիջապես հայտարարեց, որ վերջերս ինքը Բավականին Մեծացել է, այնպես որ, ինչքան էլ չարչարվի, հազիվ թե կարողանա անցնել ճեղքից։
 
Բուն ասաց, որ վերջերս փոստարկղի ճեղքը Բավականին Մեծացել է, հատկապես այն դեպքի համար, եթե մեծ նամակներ գան, այնպես որ Դնչիկը, հավանաբար, կանցնի։
 
Դնչիկն ասաց․
 
— Բայց դու ասում էիր, որ Անհրաժեշտ կամ Համապատասխան այդ չգիտեմ ինչը չի դիմանա։
 
Բուն ասաց․
 
— Չի՛ դիմանա, դրա մասին ավելորդ է խոսել։
 
Իսկ Դնչիկն ասաց․
 
— Ավելի լավ է եկեք ուրիշ բան մտածենք,— եւ առաջինն ինքը օրինակ տվեց։
 
Իսկ Թուխը հիշեց այն օրը, երբ ինքը Դնչիկին փրկել էր Ջրհեղեղից, եւ բոլորը հիանում էին իրենով․ եւ քանի որ նման առիթներ հաճախ չէին լինում, նա մտածեց, որ լավ կլիներ, եթե այդ ամենը կրկնվեր նորից, եւ սովորականի նման անսպասելիորեն, նրա գլխում միտք ծնվեց։
 
— Բու,— ասաց Թուխը,— ես կարծես թե գտա։
 
— Խելամիտ ու Հնարամիտ Արջ,— ասաց Բուն։
 
Այդ գովեստները լսելով, Թուխը լրջացավ ու ասաց համեստորեն, որ այդ միտքը, այո, պատահաբար իր գլուխը եկավ։ Եվ նա բացատրեց իր միտքը։
 
— Մենք պարանը կկապենք դնչիկի մեջքից, իսկ դու կտուցով կբռնես պարանի մյուս ծայրից ու կթռչես փոստարկղի մոտ։ Պարանի այդ ծայրը կանցկացնես մետաղալարի միջով ու կիջեցնես ներքեւ, իսկ հետո մենք ինչքան ուժ ունենք կքաշենք այդ ծայրից, եւ Դնչիկը կամաց֊կամաց կբարձրանա վերեւ, եւ գործը գլուխ կգա։
 
— Եվ Դնչիկը կհայտնվի արկղի մեջ,— ասաց Բուն։ — Եթե, իհարկե, պարանը չկտրվի։
 
— Իսկ եթե կտրվի՞,— անկեղծ հետաքրքրությամբ հարցրեց Դնչիկը։
 
— Այդ ժամանակ մենք ուրիշ պարան կվերցնենք,— մխիթարեց նրան Թուխը։
 
Բայց դա քիչ ուրախացրեց Դնչիկին, որովհետեւ չնայած տարբեր պարաններ էին կտրվելու, ընկնելու էր դարձյալ նույն Դնչիկը։ Բայց, ավաղ, ոչ ոք նոր բան չկարողացավ մտածել։
 
Եվ ահա, մտովի հրաժեշտ տալով Անտառում ապրած այն երջանիկ ժամանակներին, երբ ոչ ոք Դնչիկին չէր ստիպում պարանից կախված ճանապարհորդել առաստաղի տակ, նա քաջաբար գլխով արեց եւ ասաց, որ Հա֊հա֊հա֊համաձայն է։
 
— Մի վախեցիր, չի կտրվի,— քաջալերեց նրան Թուխը,— որովհետեւ դու Փոքրիկ Արարած ես, իսկ ես կանգնած կլինեմ ներքեւում, իսկ եթե դու փրկես մեզ, դա կլինի Մեծ Սխրանք, որի մասին բոլորը կխոսեն, եւ ես գուցե դրա մասին երգ հորինեմ, եւ բոլորը կասեն․ «Դնչիկն այնպիսի Մեծ Սխրանք է կատարել, որ Թուխը ստիպված է եղել Գովաբանական Երգ հորինել»։
 
Այստեղ Դնչիկը, իհարկե, իրեն շատ ավելի լավ զգաց, իսկ երբ աեմն ինչ պատրաստ էր, եւ նա սկսեց իր ճանապարհորդությունը դեպի Բուի նոր առաստաղը, նրան այնպիսի հպարտություն համակեց, որ, իհարկե, կգոռար․ «Հապա մի ինձ նայեք», եթե չվախենար, որ Թուխն ու Բուն այնպես կհմայվեն իրենով, որ բաց կթողնեն պարանը։
 
— Քաշեցինք,— ուրախ ասաց Թուխը։
 
— Վերելքը ընթանում է համաձայն նախօրոք մշակված ծրագրի,— քաջալերեց Փուն։
 
Վերելքը շուտով ավարտվեց։ Դնչիկը բացեց արկղը ու ներս մտավ։ Հետո նա արձակեց պարանը եւ սկսեց խցկվել այն ճեղքի մեջ, որով հին ու բարի ժամանակներուոմ, երբ մուտքի դռները՝ մուտքի դռներ էին, ընկնում էին, պատահում էր, շատ անսպասելի նամակներ, որոնք տանտիրուհին ստանում էր ոմն Բուից։
 
Դնչիկը խցկվում էր ու խցկվում եւ, վերջապես, մի վերջին ճիգ գործադրելով հայտնվեց դրսում։
 
Երջանիկ ու հուզված, նա մի րոպե տվեց իրեն մնալ մուտքի մոտ, որպեսզի գերյալներին մխիթարանքի ու ողջույնի խոսքեր ճղճղա․
 
— Ամեն ինչ կարգին է,— բերանը ճեղքին մոտերցած գոռաց նա։ — Բո՛ւ, քո ծառը լրիվ շուռ է եկել, իսկ դռան վրա մի մեծ ոստ է ընկած, բայց ոչինչ, Քրիստոֆեր Ռոբինի հետ մենք դա հեշտությամբ կշարժենք տեղից։ Թուխ, քեզ քաշելու համար մենք ճոպան կբերենք։ Հիմա ես կգնամ ու կասեմ։ Ներքեւ ես հեշտությամբ կիջնեմ, այսինքն՝ դա վտանգավոր է, բայց ես չեմ վախենում, եւ մենք Քրիստոֆեր Ռոբինի հետ կգանք մոտավորապես կես ժամից հետո։ Առայժմ, Թո՛ւխ։ — Եվ չսպասելով Թուխի պատասխանին․ «Շնորհակալություն, Դնչիկ, մինչեւ նոր հանդիպում», նա անհետացավ։
 
— Կես ժամ, — ասաց Բուն, համրար տեղավորվելով,— դա միանգամայն բավական է, որպեսզի ավարտեմ այն պատմությունը, որը կիսատ մնաց՝ մորեղբայր Ռոբերտի մասին, որի դիմանկարը, սիրելի Վինի, դու տեսնում ես քեզանից ցած։ Նախ հիշենք, թե որտեղ ես կանգ առա։ Ախ այո։ Հենց մի այսպիսի փոթորկոտ օր, երբ իմ մորեղբայր Ռոբերտը…
 
Թուխը փակեց աչքերը։