Changes

Պահապանները

Ավելացվել է 16 696 բայտ, 13:33, 10 Նոյեմբերի 2013
/* Գլուխ առաջին․ Երկար սպասված հյուրասիրություն */
[[Պատկեր:ՊահԳլուխ1.png|300px|thumb|right]]
Երբ Բիլբո Պարկինսը, Զառիթափի Պարկուտի տիրակալը, հայտարարեց, որ ուզում է շքեղ տոնել իր մոտալուտ հարյուր տասնմեկամյակը, ողջ Նորգորդը բզզաց ու իրար անցավ։
 
Ահա արդեն վաթսուն տարի էր Բիլբոն չտեսնված հարուստի ու խիզախ խենթի համբավ էր վայելում այն ժամանակից ի վեր, երբ հանկարծ չքացավ, իսկ հետո անսպասելի վերադարձավ ավարով, որի չափը զանազան ասեկոսեները հարյուրապատիկ մեծացնում էին։ Միայն ամենաիմաստուն ծերունիներն էին կասկածի տակ առնում, թե Բլրի ընդերքում ստորգետնյա ուղիներ են փորված, իսկ այդ ուղիներն էլ լցված են գանձերով։ Այդ բոլորը քիչ է, դեռ փողերին էլ գումարած առողջությունը, այն էլ ի՜նչ առողջություն․․․ Որքա՜ն ջրեր են հոսել, իսկ միստր Պարկինսը իննսուն տարեկանում էլ հիսունամյա էր թվում։ Երբ լրացավ նրա իննսունինը տարին, սկսեցին ասել, թե նա «լավ է պահպանվել», թեպետ ավելի ճիշտ կլիներ ասել՝ «բոլորովին չի փոխվել»։ Շատերը գլուխներն էին օրորում․ սա արդեն չափազանց էր, նույնիսկ անարդարացի՝ ո՜նց է, է՜հ, ոմանց բապտը բերում՝ ե՛ւ ծերությունն է կողքով անցնում, ե՛ւ փողերին թիվ ու համար չկա։
 
 
― Բարի նշան չէ, ― ասում էին նրանք, ― ա՜խ, բարի նշան չէ ու փորձանքի բուն․․․
 
Բայց փորձանք առայժմ չկար, միստր Պարկինսի փողերն էլ չէին պակասում, այնպես որ նրա հարուստ ու տարօրինակ լինելը շատ թե քիչ ներվում էր։ Ազգականների հետ համերաշխ էր (իհարկե, բացի Քսակ֊Պարկինսներից), եւ աղքատ ու հասարակ հոբիթները նրան սիրում ու հարգում էին։ Բայց նա ինքը ոչ մեկի հետ մոտիկություն չէր անում, մինչեւ զարմիկների թոռները մեծանան։
 
Դրանցից ավագը եւ Բիլբոյի սիրելին վաղաժամ որբացած Ֆրոդո Պարկինսն էր, որը նրա հորեղբոր ծոռն էր մի կողմից եւ մորաքրոջ աղջկա տղան՝ մյուս կողմից։ Իննսունինը տարեկանում Բիլբոն նրան իր ժառանգորդը դարձրեց եւ Քսակ֊Պարկինսները նորից քթները կախ, ձեռքները դատարկ մնացին։ Բիլբոն ու Ֆրոդոն միեւնույն օրն էին ծնվել՝ սեպտեմբերի 22֊ին։ «Որդյակս, տեղափոխվիր ինձ մոտ ապրելու, ― մի անգամ ասաց Բիլբոն, ― թե չէ այդ ծննդյան օրը մի իսկական գլխացավանք է»։ Եվ Ֆրոդոն տեղափոխվեց։ Այն ժամանակ նա դեռ ջահել էր՝ հոբիթներն այդպես էին անվանում քսաներկուսի ու երեսուներեքի միջեւ ընկած բուռն ու թեթեւսոլիկ տարիքը։
 
Այդ ժամանակից ի վեր նրանք տասնմեկ անգամ տոնեցին իրենց համատեղ ծննդյան տոնը, բայց տասներկուերորդ անգամ ինչ֊որ չտեսնված ու չլսված բան էր նախապատրաստվում։ Լրանում էր Բիլբոյի հարյուր տասնմեկ տարին՝ երեք մեկ թվանշանն իրար կողքի, յուրօրինակ կլոր ու լիովին պատվավոր թիվ (նույնիսկ առասպելական Կրոլն ապրել էր ընդամենը հարյուր երեսուն տարի), իսկ Ֆրոդոյի երեսուներեքը՝ երկու երեք թվանշանը, նույնպես առանձնահատուկ տարեթիվ էր՝ կյանքի երեսունչորսերորդ տարում հոբիթը համարվում է չափահաս։ Սեպտեմբերյան տաք եղանակ էր, եւ նշանակված օրը մոտենում էր։ Մի անգամ, երեկոյան, զարմանահրաշ արկղերով բեռնված մի տարօրինակ սայլ Նորգորդը դղրդացնելով կանգ առավ Զառիթափի Պարկուտի մոտ։ Հոբիթները գլուխները հանեցին դռներից ու սկսեցին նայել մթության մեջ։ Ձիերը վարում էին գլխներին կնգուղներ քաշած երկարամորուք թզուկներ, որոնք անհասկանալի երգեր էին երգում։ Նրանցից ոմանք հետո գնացին, իսկ մյուսները մնացին Պարկուտում։ Սեպտեմբերի երկրորդ շաբաթվա վերջին Բրենդիդուիմյան կամրջի կողմից օրը ցերեկով մի բեռնված սայլ երեւաց, իսկ սայլի վրա՝ ծերունի։ Նա բարձր, սրածայր, կապույտ լայնեզր գլխարկ էր դրել, հագել էր համարյա մինչեւ կրունկները հասնող մոխրագույն թիկնող եւ կապել արծաթավուն շարֆ։ Նրա երկար, սպիտակ մորուքը խնամված ու վեհաշուք էր, իսկ փրչոտ ունքերը ծվեն֊ծվեն կախ էին ընկել գլխարկի տակից։ Փոքրիկ հոբիթները նրա հետեւից վազում էին ողջ ավանով մինչեւ Բլուր ու բարձրացան Բլուրի վրա։ Սայլին հրթիռներ էին բեռնված, դա նրանք իսկույն գլխի ընկան։ Բիլբոյի դռան մոտ ծերուկն սկսեց բեռնաթափել զանազան ու անհավանական հրթիռների մեծ֊մեծ կապոցներ, որոնց վրա «Գ» կարմիր նշան էր արված եւ նույնն էլ արված էր էլֆերեն։
 
 
Դա իհարկե, Գանդալֆի նշանն էր, իսկ սայլում նստած ծերունին հենց հրաշագործ Գանդալֆն էր, որը Հոբիթստանում հայտնի էր գույնզգույն կրակներ պատրաստելու եւ ուրախ ծխաքուլաներ բաց թողնելու վարպետությամբ։ Առավել վտանգավոր ու դժվար էին նրա իսկական գործերը, բայց հոբիթներն այդ մասին ոչինչ չգիտեին։ Հրաշագործը նրանց համար սոսկ Հյուրասիրության հրաշալի հավելում էր։ Դրա համար էլ հոբիթների երեխաները վազում էին նրա հետեւից ու գոռում․ «Գանդա՜լֆն է գալիս, որոտն է որոտում», իսկ ծերունին ժպտում էր։ Նրան դեմքով գիտեին, թեպետ Հոբիթստան այցելում էր ոչ հաճախ ու փութանցիկորեն, իսկ նրա շառաչուն հրավառություններն այժմ չէին հիշում նույնիսկ ամենազառամյալ ծերունիները․ շատ վազուց նա այստեղ այդպիսի բաներ չէր սարքել։
 
Երբ ծերունին Բիլբոյի ու թզուկների օգնությամբ սայլը բեռնաթափեց, Բիլբոն փոքրիկ անբաններին մանրադրամ բաժանեց, բայց ոչ շխկշխկաններ, ոչ էլ զավեշտախաղեր նրանց բաժին չընկավ։
 
― Վազեք տուն, ― ասա Գանդալֆը։ ― Ժամանակին բոլորիդ էլ ամեն ինչ կհասնի, ― եւ Բիլբոյի հետեւից մտավ ներս ու դուռը կողպեց։ Փոքրիկները մի քիչ էլ սպասեցին ու ցրվեցին։ «Բայց իսկապես, ե՞րբ է լինելու այդ տոնակատարությունը, հը՞», ― մտածում էին նրանք։
 
Իսկ Բիլբոն ու Գանդալֆը նստել էին բաց պատուհանի մոտ, նայում էին արեւմուտք, ծաղկած պարտեզին։ Օրը դեպի իրիկնամուտ էր թեքվում, մաքուր ու բառ լույս էր։ Բոսորագույն առյուծաբերանները, ոսկեգույն արեւածաղիկներն ու հուրհրան ջրկոտեմները հպվում էին կլոր պատուհաններին։
 
― Լավ պարտեզ ունես, ― ասաց Գանդալֆը։
 
― Այո, ― համաձայնեց Բիլբոն։ ― Հրաշալի պարտեզ է ու հիանալի վայր է Հոբիթստանը, միայն թե ես եմ արդեն հոգնել, հանգստի գնալու ժամանակն է։
 
― Ուրեմն, ինչպես ասացիր, այդպես էլ կանե՞ս․․․
 
― Իհարկե։ Ես իմ խոսքից երբեք հետ չեմ կանգնում։
 
― Դեհ, ուրեմն այլեւս խոսելիք չունենք։ Դե որ որոշել ես, որոշել ես՝ ամեն ինչ արա, ինչպես որ նախապես մտածել ես, քեզ համար գոնե լավ կլինի, իսկ գուցեեւ ո՛չ միայն քեզ համար։
 
― Լավ կլիներ։ Իսկ հինգշաբթի ես դեռ մի լավ կծիծաղեմ, մտքիս մի բան եմ դրել․․․
 
― Տե՛ս, հա՜, որ հանկարծ քեզ վրա չծիծաղեն, ― գլուխն օրորեց Գանդալֆը։
 
― Հետո կերեւա, ― ասաց Բիլբոն։
 
Սայլերն իրար հետեւից գալիս էին Բլուր։ Ոմանք փնթփնթում էին, թե՝ «միայն օտարներն են ձեռքները տաքացնում, իսկ տեղական արհեստավորներն անգրոծ նստած են», բայց շուտով Պարկուտից զանազան կերակուրների, ըմպելիքների ու շքեղությունների եւ ամեն տեսակ բաների (ինչի առեւտուր որ կատարվում է Նորգորդում եւ առհասարակ Հոբիթստանում) պատվերներ սկսեցին տեղալ։ Ժողովուրդը անհանգստանում էր․ մինչեւ տոնը հաշված օրեր էին մնացել, իսկ ո՞ւր է հրավիրատոմսեր բաժանող փոստատարը․․․
 
Հրավերներն էլ չուշացան, քանի որ փոստատարները չէին բավականացնում, ստիպված եղան կամավորներ հավաքել։ Բիլբոն հարյուրավոր քաղաքավարի ու ճոռոմ պատասխաններ էր ստանում․ «Շնորհակալություն, ― զանազան ձեւերով հայտնում էին նրանք, ― շնորհակալություն, անպայման կգանք»։
 
Պարկուտի դարպասը զարդարում էր հետեւյալ ցուցանակը․ «Մտնել միայն Հյուրասիրության գործերով»։ Բայց նույնիսկ Հյուրասիրության հետ կապված գործ հնարելու դեպքում էլ մտնել համարյա հնարավոր չէր։ Մինչեւ կոկորդն զբաղված Բիլբոն հրավերներ էր գրում, պատասխանները կպցնում, նվերները փաթեթում եւ իր որոշ՝ Հյուրասիրության հետ բոլորովին առնչություն չունեցող, գործերն էր դասավորում։ Գանդալֆի ժամանելուց հետո նա այլեւս ոչ մեկի աչքին չէր երեւում։
 
Մի առավոտ հոբիթները տեսան, որ Պարկուտի գլխավոր մուտքից հարավ գտնվող լայնարձակ մարգագետնում վրաններ են խփում ու տաղավարներ դնում։ Ճանապարհի կողմից թփուտները կտրել, անցում էին բացել եւ մի մեծ սպիտակ դարպաս էր կանգնեցրել։
 
Վրանները աճում էին ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ։ Դրանցից ամենամեծն այնքան մեծ էր, որ այնտեղ տեղավորվեց սեղանի գլխամասում գտնվող հսկայական ծառը։ Ծառի ճյուղերին լապտերիկներ կախեցին։ Իսկ ամենահետաքրքիրը հոբիթների համար՝ բաց երկնքի տակ, մարգագետնում տեղավորված հսկայական խոհանոցն էր։ Սեղանի պատրաստությունը տեսնում էին բոլոր պանդոկներու ու խորտկարաններում, մի քանի մղոն շառավղով, իսկ այստեղ՝ Պարկուտի մոտ, ձեռք ու ոտք էին ընկել թզուկներն ու նոր ժամանած օտարերկրացիները։ Հոբիթներն է՛լ ավելի խիստ հուզվեցին։
 
Իսկ երկինքն այդ օրերին թխպեց։ Չորեքշաբթի, Հյուրասիրության նախօրեին եղանակը փչացավ։ Բոլորը անխտիր տագնապեցին։ Բայց ահա եկավ հինգշաբթին, սեպտեմբերի քսաներկուսը։ Արեւը փայլեց, ամպերը ցրվեցին, դրոշները ծածանվեցին, եւ քեֆ֊ուրախությունն սկսվեց։
 
Բիլբո Պարկինսն ընդամենը Հյուրասիրություն էր խոստացել, իսկ իրականում մեծ տոնախմբություն էր կազմակերպել։ Մորիկ հարեւանները հրավիրված էին մեծից մինչեւ փոքր։ Իսկ եթե որեւէ մեկին էլ մոռացել էին հրավիրել, ապա միեւնույն է, եկել էին, այնպես որ դա կարեւոր չէր։ Շատերը կանչված էին Հոբիթստանի հեռավոր անկյուններից, իսկ մի քանիսը՝ նույնիսկ արտասահմանից։ Բիլբոն հրավիրված ու չհրավիրված հյուրերին դիմավորում էր Սպիտակ դարպասի մոտ։ Նա նվերներ էր բաժանում բոլորին ու ամենքին, իսկ ով մեկ հատ էլ ավել էր ուզում ստանալ, ետնամուտքով դուրս էր գալիս ու նորից մոտենում դարպասին։ Հոբիթները միշտ էլ իրենց ծննդյան օրը նվերներ են տալիս ուրիշներին, սովորաբար ոչ թանկագին նվերներ եւ ոչ բոլորին, ինչպես այդ օրը, եւ դա լավ սովորություն է։ Նորգորդում եւ Գետամերձում ամեն օր մեկնումեկի ծննդյան օրն է, դա նշանակում է այդ կողմերում ամեն հոբիթ կարող է շաբաթական գոնե մեկ նվերի հույս ունենալ։ Նրանք դրանից չեն ձանձրանում։
 
Իսկ այս անգամ նվերներն էլ ուղղակի զարմանալի էին։ Ավելի երիտասարդ հոբիթներն այնպես էին զարմացել, որ քիչ էր մնում Հյուրասիտությունը մոռանային։ Նրանց զարմանահրաշ խաղալիքներ էր բաժին ընկել․ ոմանց հրաշալի, իսկ ոմանց՝ կարելի է ասել, նույնիսկ կախարդական։ Խաղալիքների մի մասը վաղօրոք էին պատվիրված եղել, մեկ տարի առաջ, եւ բերված էին Սեւագետքից կամ Սարամիջի թագավորությունից․ դա թզուկների ջանքերի արդյունքն էր։
 
Երբ բոլորին դիմավորեցին, ողջունեցին ու դարպասից ներս անցկացրին, երգ պար, երաժշտություն, խաղեր սկսվեցին՝ իսկ կերուխումին չափ ու սահման չկար։ Հյուրասիտությունը եռակի էր․ նախաճաշ,
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]