«Օզի կախարդը»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Օզի կախարդը |հեղինակ = Լ. Ֆրենք Բաում |աղբյուր = «Օզի կախարդը» |թարգմանիչ =...»:) |
չ |
||
Տող 3. | Տող 3. | ||
|հեղինակ = [[Լ. Ֆրենք Բաում]] | |հեղինակ = [[Լ. Ֆրենք Բաում]] | ||
|աղբյուր = [[«Օզի կախարդը»]] | |աղբյուր = [[«Օզի կախարդը»]] | ||
− | |թարգմանիչ = [[Ալվարդ Ջիվանյան]] | + | |թարգմանիչ = [[Ալվարդ Ջիվանյան, անգլերենից]] |
}} | }} | ||
[[Կատեգորիա:Արձակ]] | [[Կատեգորիա:Արձակ]] |
11:24, 11 Նոյեմբերի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Լ. Ֆրենք Բաում |
Բովանդակություն
- 1 ՀՈՂՄԸ
- 2 ՄԱՆՉԿԻՆՆԵՐԸ
- 3 ԴՈՐՈԹԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԽՐՏՎԻԼԱԿԻՆ
- 4 ԱՆՏԱՌԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
- 5 ԹԻԹԵՂՅԱ ՓԱՅՏԱՀԱՏԸ
- 6 ԵՐԿՉՈՏ ԱՌՅՈՒԾԸ
- 7 ՔԱԼԻԴԱՆ
- 8 ԴԱՇՏԱՄԿՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ
- 9 ԴԵՊԻ ԶՄՐՈՒԽՏԵ ՔԱՂԱՔԸ
- 10 ՄԵԾՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՕԶԸ
- 11 ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐԵՎՄՈԻՏՔ
- 12 ԹԵՎԱՎՈՐ ԿԱՊԻԿՆԵՐԸ
- 13 ՓՐԿՈՒԹՅՈՒՆ
- 14 ԴԱՇՏԱՄԿՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ
- 15 ՄԵԾՆ ՕԶԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
- 16 ՕԶԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ
- 17 ՕԶԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է
- 18 ԴԵՊԻ ՀԱՐԱՎ
- 19 ՄՈՒՐՃԱԳԼՈՒԽՆԵՐԸ
- 20 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԼԻՆԴԱՅԻ ՀԵՏ
- 21 ԴՈՐՈԹԻԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ Է
- 22 ՎԵՐԱԴԱՐՁ ՏՈՒՆ
ՀՈՂՄԸ
Դորոթին ապրում էր Կանզասի շոգ տափաստանում՝ մորաքրոջ՝ Էմի և նրա ամուսնու՝ Հենրիի ագարակում։ Մորաքույրն ու ամուսինը օրնիբուն աշխատում էին։ Երկուսի մաշկն էլ գորշ էր ու արևակեզ, ինչպես տափաստանի խարկած հողն ու խոտը։ Ամուսինները դեպքից դեպք էին ժպտում և երբեք չէին ծիծաղում։
Իսկ այ Դորոթին շատ ծիծաղկոտ երեխա էր. ամենից շատ նրան ծիծաղեցնում էր Տոտո շնիկը՝ մետաքսանման սև բրդով և սևորակ, ժպտուն աչքերով մի արարած։ Դորոթին շատ էր կապված նրա հետ, և ամբողջ օրը միասին խաղում էին՝ աղջիկն ու շունը։
Այդ օրը փոթորիկ էր լինելու, փոթորիկ, որ պտտահողմ էր կոչվում, և Դորոթին, մորաքույրն ու ամուսինը շտապում էին մտնել հողմից պատսպարվելու համար նախատեսված նկուղը. այնտեղ ապահով էր։
Տոտոն շատ անհանգիստ էր, և երբ Դորոթին աստիճաններով նկուղ էր իջնում, շունը վայր թռավ նրա գրկից, որ թաքնվի։ Աղջիկը վազեց շան հետևից։
— Դո՛րոթի,— բղավեց մորաքույր Էմը՝ նկուղի դռնակը բաց պահելով,— արագ ե՛կ այստեղ։
Դորոթին գրկեց Տոտոյին ու փորձեց մտնել նկուղ, բայց հանկարծ ամբողջ տունն սկսեց դողալ ու ցնցվել, և նա վայր ընկավ։ Հետո զարմանալի բան կատարվեց. թվաց՝ տունը օդ բարձրացավ ու սկսեց պտտվել։ Դորոթին իրեն չկորցրեց և շանը կրծքին ամուր սեղմելով՝ փակեց աչքերը։ Քիչ հետո, չնայած քամու սուլոցին ու տան պտտվելուն, նա քուն մտավ։
ՄԱՆՉԿԻՆՆԵՐԸ
Ուժեղ ցնցումից Դորոթին արթնացավ։ Երբ պատուհանից դուրս նայեց, աչքերին հազիվ հավատաց։ Պատուհանից դուրս Կանզասը չէր։ Փոթորկից հետո տունը վայրէջք էր կատարել կանաչ, ծաղկաշատ ու մրգատու ծառերով հարուստ մի հրաշալի վայրում։ Չորս մարդուկներ գալիս էին իր կողմը։
— Մենք՝ մանչկիններս, ողջունում ենք քեզ մեր երկրում և երախտապարտ ենք, որ սպանեցիր մեր թշնամուն՝ Արևելքի չար վհուկին։
— Բայց ես ոչ ոքի չեմ սպանել,— զարմացավ Դորոթին։
— Դու՝ ո՜չ, բայց քո տնակն է սպանել,— ասաց ինչ֊որ կին։
Եվ իսկապես, տնակն ինչ֊որ մեկին տակն էր գցել, և այդ մեկի ոտքերը՝ հագին արծաթե մաշիկներ, տնակի տակից ցցվել էին։
— Ես Հյուսիսի բարի կախարդուհին եմ,— ասաց կինը,— Արևելքի չար վհուկն իմ ժողովրդին ստրկացրել էր, բայց դու եկար ու փրկեցիր մեզ։
— Որպես պարգև՝ դու կստանաս վհուկի արծաթե մաշիկները,— ասաց մանչկիններից մեկը,— ասում են՝ կախարդական են, թեև ոչ ոքի հայտնի չէ՝ ինչպես դրանցից օգտվել։
Բարի կախարդուհին բացատրեց Դորոթիին, որ նա Օզ երկրում է, և որ դեռ կենդանի է մնում մեկ այլ չար կախարդ՝ Արևմուտքի վհուկը։
— Եթե մնաս մեզ հետ, միանգամայն ապահով կլինես,— ասաց Բարի կախարդուհին։
Դորոթին հուզվեց ու լաց եղավ.
— Ես ձեզ շատ շնորհակալ եմ, բայց ուզում եմ տուն՝ Կանզաս վերադառնալ՝ մորաքրոջս և նրա ամուսնու մոտ,— ասաց նա՝ շնիկին ամուր գրկելով.— նրանք շատ կանհանգստանան ինձ համար։
— Գուցե Մեծն Օ՞զը օգնի քեզ,— ասաց Բարի կախարդուհին,— նա ամենահզորն է կախարդներից և ապրում է Զմրուխտե քաղաքում։
— Իսկ որտե՞ղ Զմրուխտե քաղաքը,— հարցրեց Դորոթին։
— Այն հեռու է՝ մեր երկրի ուղիղ կենտրոնում։ Դեղին աղյուսե ճանապարհը քեզ կհասցնի այնտեղ։ Իսկ հիմա եկ համբուրեմ քեզ, որ ապահով լինես ամեն փորձանքից։
ԴՈՐՈԹԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԽՐՏՎԻԼԱԿԻՆ
Երբ մանչկիններն ու Բարի կախարդուհին հեռացան, Դորոթին իր տնակը մտավ՝ սպասվող ճամփորդության համար մի քիչ ուտելիք վերցնելու։ Նա նաև զգեստը փոխեց, հետո հագավ սպանված վհուկի արծաթե մաշիկները։
Դորոթին առանց դժվարության գտավ Դեղին աղյուսե ճանապարհը։ Մանչկիններից շատերը տներից դուրս եկան՝ աղջկան ողջունելու։ Բոլորը գիտեին, որ Դորոթին է իրենց փրկել Չար վհուկից։ Մանչկիններից մեկը Դորոթիին հրավիրեց իր տուն՝ ընթրելու և հանգիստ գիշերելու։
Հաջորդ օրը, երբ Դորոթին ու Տոտոն քայլում էին Դեղին աղյուսե ճանապարհով, եգիպտացորենի դաշտի մեջտեղում մի հին խրտվիլակ տեսան։ Դորոթիին հանկարծ թվաց՝ Խրտվիլակն իրեն աչքով է անում։ Այո՛, այդպես էլ կար։ Իսկ հետո այն նույնիսկ խոսեց.
— Բարի՛ օր,— ասաց,— խնդրում եմ՝ այս փայտը մեջքիցս հանես։
— Դու կարող ես խոսել,— զարմացած հարցրեց Դորոթին, ապա մոտեցավ ու Խրտվիլակին ազատեց փայտից, որին նա գամված էր։
— Շնորհակալ եմ,— ասաց Խրտվիլակը,— իսկ հիմա ասեք՝ ով եք և ուր եք գնում։
Երբ Խրտվիլակն իմացավ, որ աղջիկն ու շունը ուղևորվում են Զմրուխտե քաղաք՝ Մեծն Օզի մոտ, խնդրեց, որ իրեն էլ տանեն։
— Գուցե Կախարդն ինձ խելք տա. գլուխս հարդ է լցրած։
Դեմ չէի մի քիչ խելք ունենալուն, որ մարդիկ չասեն՝ հիմար եմ։
— Իհարկե, դո՛ւ էլ արի մեզ հետ,— համաձայնեց Դորոթին, և երեքով շարունակեցին քայլել Դեղին աղյուսե ճանապարհով։
ԱՆՏԱՌԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Շուտով ճանապարհը դարձավ խորդուբորդ, աղյուսները տեղ֊տեղ պոկվել էին, ու փոսեր էին գոյացել։ Գյուղերը գնալով ավելի խղճուկ դարձան, տները՝ միայնակ, ծառերը՝ ավելի ցանցառ։ Որքան առաջ էին շարժվում, այնքան շուրջն ավելի անհրապույր էր դառնում։ Ճաշին Դորոթին Խրտվիլակին մի կտոր հաց առաջարկեց։
— Ո՛չ, շնորհակալ եմ,— հրաժարվեց Խրտվիլակը,— ես երբեք չեմ սովածանում, բացի այդ՝ բերանս իսկական չէ, այլ նկարված։
Խրտվիլակն ուզում էր ամեն բան իմանալ Դորոթիի մասին։ Աղջիկը պատմեց նրան Կանզասի, մորաքրոջ ընտանիքի մասին, նաև այն մասին, թե ինչպես էր նրանց կարոտում, չնայած Կանզասում կյանքը տխուր էր ու ձանձրալի։
Խրտվիլակն էլ իր մասին պատմեց։ Նրան մի գյուղացի էր սարքել ընդամենը մի քանի օր առաջ և կարծես այնքան էլ գոհ չէր մնացել արդյունքից։
— Սկզբում ագռավները վախենում էին ինձնից,— ասաց նա,— հետո մի ծեր ագռավ թառեց ուսիս ու երբ տեսավ, որ իրեն վնասելու միտք չունեմ, վեր թռավ և սկսեց ցորենը կտցել։ Հետո թռան եկան ուրիշ ագռավներ։ Հիմա հասկանո՞ւմ ես՝ ինչիս է պետք խելքը։ Այսպես անխելք ես ոչ ոքի պետք չեմ։
Դորոթին խղճաց Խրտվիլակին։ Գոնե Կախարդը կարողանար օգնել նրան։
Իրիկնադեմին մոտեցան մի մեծ ու մութ անտառի։
— Եթե ճանապարհն անտառ է տանում, ուրեմն նաև անտառից դուրս է բերում,— որոշեց Խրտվիլակը, և նրանք շարունակեցին քայլել։ Շուտով տեսան մի փոքրիկ, դատարկ տուն։ Այնքան հոգնած էին, որ որոշեցին ներս մտնել ու հանգստանալ։ Դորոթին ու Տոտոն կուչ եկան մի տեղ և շուտով խոր քուն մտան։
ԹԻԹԵՂՅԱ ՓԱՅՏԱՀԱՏԸ
Հաջորդ օրը՝ նախաճաշելուց հետո, նորից ճանապարհ ընկան։ Դեռ շատ չէին գնացել, երբ հանկարծ տնքոց լսեցին։ Ծառերի արանքից երևաց կացինը ձեռքին մի մարդ՝ մարմինն ամբողջությամբ թիթեղից։ Դորոթին ու Խրտվիլակը զարմանքից քար կտրեցին։ Տոտոն սկսեց միալար հաչել։
— Մի ամբողջ տարի է՝ այս վիճակում եմ, բայց ոչ ոք ինձ չի լսում,— կերկերուն ձայնով տրտնջաց Թիթեղյա փայտահատը։
— Ինչպե՞ս Ձեզ օգնենք,— հարցրեց Դորոթին։
— Հոդերս ամբողջովին ժանգոտել են. անկարող եմ շարժվել,— պատասխանեց նա,— այնտեղ՝ խրճիթում, յուղաման կա։
— Դորոթին շտապ բերեց յուղամանն ու մի լավ յուղեց Թիթեղյա փայտահատի ժանգոտած հողերը, որ նա կրկին կարողանա շարժվել։ Երբ փայտահատն իմացավ՝ մեր ճանապարհորդներն ուր են գնում, որոշեց ինքն էլ ընկերանալ նրանց։
— Կախարդին կխնդրեմ, որ ինձ սիրտ տա,— ասաց նա,— ժամանակին ինքն էլ իսկական մարդ էր և սիրահարվել էր մանչկիններից մեկին։ Աղջկա մայրը դեմ էր նրանց միությանն ու խնդրել էր Արևելքի չար վհուկին խեղճի մարմինը թիթեղ դարձնել ու սիրտը հանել։
— Երբ սիրում էի, աշխարհիս ամենաերջանիկ մարդն էի,— ասաց Թիթեղյա փայտահատը,— հենց նոր սիրտ ունենամ, կրկին երջանիկ կլինեմ։
Դորոթին ու Խրտվիլակն ուրախ էին, որ Թիթեղյա մարդն իրենց հետ է գալու։ Եվ նրանք չորսով քայլեցին դեպի Զմրուխտե քաղաքը։
ԵՐԿՉՈՏ ԱՌՅՈՒԾԸ
Ճանապարհը ծածկված էր չորացած ճյուղերով ու մեռած տերևներով։ Քայլելը գնալով դժվարանում էր։ Ժամանակ առ ժամանակ գազանների ձայներ էին լսվում։ Աղջկա սիրտը վախից կծկվում էր, իսկ Տոտոն ամուր սեղմվում էր տիրուհուն։
Հանկարծ ծառերի հետևից սարսափելի մռնչոց լսվեց, և ճանապարհին երևաց մի հսկա առյուծ։ Թաթի ուժեղ հարվածով նա մի կողմ նետեց Խրտվիլակին, ևս մեկ հարվածով գետին տապալեց Փայտահատին։ Իսկ երբ Տոտոն, բարձր հաչելով, նետվեց առյուծի վրա, սա բերանը բացեց, որ կծի շանը։
— Չհամարձակվե՛ս շանս ձեռք տալ,— գոչեց Դորոթին՝ հարվածելով առյուծի մռութին,— ինչպե՞ս չես ամաչում, հարձակվում ես փոքրիկ շան վրա, իսկ ինքդ մեծամարմին վախկոտի մեկն ես։
Առյուծն ամոթից գլուխն իջեցրեց.
— Իրավացի ես, ես գիտեմ՝ երբ մռնչում եմ, բոլորը վախենում են, բայց ես ինքս եմ իմ մռնչոցից վախենում։ Եթե մեկը սիրտ անի ինձ հետ կռվի բռնվել, իսկույն փախուստի կդիմեմ։
Պարզ էր, որ առյուծն իսկապես երկչոտ էր։ Երբ իմացավ՝ մեր ճամփորդներն ուր են գնում, խնդրեց, որ իրեն էլ տանեն։
— Եթե Կախարդը կարող է Խրտվիլակին խելք տալ, Թիթեղյա մարդուն՝ սիրտ, գուցե ինձ էլ մի քիչ համարձակություն պարգևի։
— Արի՛ մեզ հետ,— ասաց Դորոթին,— եթե վայրի գազանները փորձեն մեզ մոտենալ, քո մռնչոցով կվախեցնես նրանց։
ՔԱԼԻԴԱՆ
Այդ գիշեր Դորոթին ու իր ընկերները մնացին անտառում։ Աղջկա մոտ եղած ամբողջ հացը սպառվել էր. ընթրիքի համար ոչինչ չէր մնացել։
— Ես կարող եմ եղնիկ որսալ, և մենք համեղ միս կունենանք,— առաջարկեց առյուծը։
Փայտահատն արգելեց առյուծին որևէ կենդանու ձեռք տալ։
— Եթե տեսնեմ՝ ինչպես է անօգնական եղնիկը տանջվում, լաց կլինեմ,— ասաց նա,— իսկ արցունքներից ծնոտիս հողերը նորից կժանգոտեն։
Այդ ժամանակ Խրտվիլակն անտառից ընկույզ ժողովեց, և բոլորը կուշտ ընթրեցին։
Հաջորդ օրը ճանապարհորդները հասան անտառի ամենախոր ու մթին մասին։
— Այստեղ Քալիդաներն են բնակվում,— մրմնջաց առյուծը,— սարսափելի գազաններ են՝ արջի մարմնով ու վագրի գլխով, ճանկերն էլ սուր են ու երկար։ Պարզապես սոսկում եմ նրանցից։
Սկսեցին ավելի զգույշ առաջանալ։ Հասնելով լայն ու խոր մի ձորակի՝ ստիպված կանգ առան։ Հարկավոր էր ձորակի մյուս կողմն անցնել։
— Ես գիտեմ՝ ինչ անենք,— ասաց Խրտվիլակը,— ա՜յ այնտեղ մի մեծ ծառ է աճում։ Թող փայտահատը ծառը կտրի, և մենք ձորակի վրայով կամուրջ կկապենք։
Փայտահատն իսկույն գործի անցավ, և շուտով ծառը ճռռոցով տապալվեց։ Կամուրջը պատրաստ էր։ Դեռ նոր էին վրան բարձրացել, երբ բարձր գռմռոց լսվեց։
— Քալիդա է,— բղավեց Խրտվիլակը.— շտապենք։
Բոլորն առաջ նետվեցին, Քալիդան սլացավ նրանց հետևից։ Երբ արդեն ձորակի մյուս կողմում էին, Խրտվիլակը Փայտահատին խնդրեց կամուրջը քանդել։ ԹՈՒՆԱՎՈՐ ԿԱԿԱՉՆԵՐԻ ԴԱՇՏԸ
Հաջորդ առավոտյան ճանապարհորդները հասան անտառի եզրով հոսող մի լայն գետի։ Դեղին աղյուսե ճանապարհը շարունակվում էր գետի մյուս ափին՝ հատելով կանաչ մարգագետինները, դաշտերն ու այգիները։
Փայտահատը մի լաստ պատրաստեց, ոը տեղափոխվեն գետի մյուս ափը։ Ընկերները տեղավորվեցին լաստի վրա։ Բայց գետի մեջտեղում հոսանքը շատ ուժեղ էր և լաստը քշեց գետն ի վար։ Այսպես գետը երբեք չէին անցնի։
— Ես լողալով կանցնեմ մյուս կողմն ու լաստը ափ կքաշեմ,— առաջարկեց առյուծը։
Երբ նորից ցամաք դուրս եկան, պարզվեց, որ հոսանքը նրանց դեղին աղյուսե ճանապարհից հեռու է քշել։ Գետափով վերադառնալիս պետք է անցնեին կարմիր կակաչների դաշտով։
— Ա՜խ, ի՜նչ գեղեցիկ են,— ասաց Դորոթին՝ շնչելով կակաչների թունդ բույրը, և այնպես շշմեց, որ պառկեց ու տեղնուտեղը քնեց։ Տիրուհու կողքին քնեց նաև Տոտոն։ Մի փոքր անց քնեց Առյուծը։ Փայտահատն ու Խրտվիլակը հոտառություն չունեին և մնացին արթուն։
— Պետք է դաշտից նրանց հեռու տանենք,— ասաց Փայտահատը։— Այս կակաչները թունավոր են։ Նրանց հոտից մարդ ու գազան քուն են մտնում։ Եթե մնան դաշտում, կքնեն հավետ։
Առյուծը շատ ծանր էր. տեղից շարժել անգամ չկարողացան, բայց Դորոթիին ու շանը ծաղիկներից հեռու տարան՝ հուսալով, որ սառն օղից կարթնանան։
ԴԱՇՏԱՄԿՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ
Մինչ Դորոթիին և շանն ուշքի էին բերում, Փայտահատն ու Խրտվիլակը տեսան, թե ինչպես մի վայրի կատու ընկել էր փոքրիկ գորշ դաշտամկան հետևից։ Փայտահատը խղճաց մկնիկին ու, կացնով սպառնալով, քշեց կատվին։ Դաշտամուկը շատ շնորհակալ եղավ։ Շուտով նրան միացան մի խումբ ուրիշ մկներ։
— Ես դաշտամկների թագուհին եմ,— ասաց մկնիկը,— դու փրկեցիր իմ կյանքը, ասա, փոխարենն ինչ ես ուզում։
Փայտահատն ու Խրտվիլակը խնդրեցին, որ մկներն օգնեն իրենց փրկել կակաչների դաշտում դեռ քնած Առյուծին։ Առյուծի անունը լսելուն պես մկները սարսափած ծվծվացին։ Փայտահատը, սակայն, հավատացրեց նրանց, որ իրենց ընկերը երկչոտ արարած է և երբեք նրանց չէր վնասի։ Մկները համաձայնեցին օգնել։ Փայտահատը մի քիչ փայտ կտրեց, որ սայլակ շինի, իսկ մկները պարանի կտորներ բերեցին։ Պարանի օգնությամբ Փայտահատը մկներին լծեց սայլին, ու խմբով այն կակաչների դաշտը քշեցին։
Մի կերպ առյուծին սայլը բարձրացրին։ Փայտահատն ու Խրտվիլակը հրում էին, իսկ մկները քաշում էին սայլը։ Առյուծին վերջապես բերեցին Դորոթիի մոտ. աղջիկն արդեն արթնացել էր։
— Շնորհակալ եմ ընկերոջս փրկելու համար,— ասաց Դորոթին։
Մկները պատասխանեցին.
— Ուրախ էինք օգնելու, եթե հարկ լինի, նորից կօգնենք։
ԴԵՊԻ ԶՄՐՈՒԽՏԵ ՔԱՂԱՔԸ
Երբ Դորոթին ու ընկերները կրկին ճամփա ընկան, նկատեցին, որ Դեղին աղյուսե ճանապարհի մոտ գտնվող բոլոր տները կանաչ էին ներկված։ Մարդիկ նույնպես կանաչ էին հագել։
— Երևի մոտենում ենք Զմրուխտե քաղաքին,— ասաց Դորոթին։
Երեկոյան կողմ ճանապարհորդները, հոգնած ու սոված, որոշեցին թակել տներից մեկի դուռը։ Դուռը բացեց մի կին և նրանց ներս հրավիրեց՝ իր ընտանիքի հետ ընթրելու։ Որքա՜ն զարմացան նրանք, երբ իմացան, որ ընկերները գնում են Օզի կախարդի մոտ։
— Մեծն Օզը երբեք թույլ չի տալիս, որ իրեն տեսնեն,— ասաց տանտերը,— չգիտենք անգամ, թե ինչ տեսք ունի։
— Տարօրինակ է,— զարմացավ Դորոթին,— բայց մենք պետք է տեսնենք նրան, հո այս երկար ճամփան իզո՞ւր չենք անցել։
Այդ օրը մնացին գիշերելու, իսկ առավոտյան՝ կուշտ նախաճաշելուց հետո, տանտերերին շնորհակալություն հայտնեցին ու շարունակեցին ճանապարհը։ Շուտով հասան Զմրուխտե քաղաքի պարիսպներին։ Ոտքից գլուխ կանաչ հագած մի մարդուկ պահակ էր կանգնել։
— Մենք եկել ենք Կախարդին տեսնելու,— ասաց Դորոթին։
Մարդուկը զարմացավ։
— Չեմ հիշում, որ որևէ մեկը հանդգներ գալ Մեծն Օզին տեսնելու,— ասաց նա,— բայց քանի որ ես եմ նրա դարպասների պահապանը, ձեզ ներս կտանեմ։ Նախ դրե՛ք այս ակնոցները։
Մարդուկը բոլորին կանաչ ոսպնյակներով ակնոցներ բաժանեց։
— Պետք է օր ու գիշեր կրեք դրանք,— զգուշացրեց նա,— թե չէ պայծառ լույսից կկուրանաք։
ՄԵԾՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՕԶԸ
Դորոթին և նրա ընկերները պահակի հետևից քայլեցին դեպի Կախարդի ապարանքը։ Կախարդը համաձայնել էր ընդունել նրանց, բայց յուրաքանչյուրին՝ առանձին օր։ Դորոթին առաջինը մտավ նրա մոտ։ Ապարանքի պատերը, հատակն ու առաստաղը ծածկված էին շողշողուն զմրուխտներով։ Կենտրոնում մարմարե կանաչ գահն էր, գահին՝ անձեռք ու անոտք մի հսկա գլուխ։
— Ես Օզն եմ, Մեծն սարսափելի Օզը,— լսվեց բամբ ձայնը։— Ո՞վ եք դուք և ինչո՞ւ եք ցանկանում ինձ տեսնել։
— Խնդրում եմ,— խոսեց Դորոթին՝ համոզվելով, որ Ձայնն իր սպասածի չափ սարսափելի չէր,— կարո՞ղ եք ինձ տուն՝ Կանզաս ուղարկել։
— Ես կօգնեմ քեզ,— ասաց Կախարդը,— փոխարենը դու էլ պետք է ինձ օգնես և սպանես Արևմուտքի Չար կախարդին։
Դորոթին լաց եղավ.
— Ես ընդամենը փոքրիկ աղջիկ եմ, ինչպե՞ս կարող եմ ինչ֊որ մեկին սպանել, այն էլ՝ Չար կախարդին։
Հաջորդ օրը Խրտվիլակի հերթն էր։ Այս անգամ զմրուխտե գահին գեղեցիկ տիկին էր նստած։ Նա ասաց, որ եթե Խրտվիլակն ուզում է խելք ունենալ, պետք է սպանի Չար կախարդին։
Փայտահատի մտնելու օրը Օզը սարսափելի գազանի կերպարանք էր ընդունել։ Փայտահատին էլ ասվեց նույնը, ինչ մյուսներին։ Վերջին օրը Առյուծը մտավ պալատ։ Օզն այս անգամ հայտնվեց որպես շիկացած հրե գունդ։
—Դու պետք է սպանես Արևմուտքի Չար վհուկին։ Քանի դեռ նա ապրում է, դու կմնաս նույն վախկոտը,— ասաց հրե գունդը։
Առյուծը գաղափար չուներ՝ ինչպես կարող էր սպանել վհուկին, բայց սիրտ չարեց առարկել Մեծն Օզին և գլուխը կախ վերադարձավ ընկերների մոտ։
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐԵՎՄՈԻՏՔ
Դարպասների պահապանը ճամփորդներին ցույց տվեց՝ որ կողմն է Արևմուտքը։
— Ուղղակի հետևե՛ք, թե որտեղ է արևը մայր մտնում,— ասաց մարդուկը՝ հետ վերցնելով կանաչ ակնոցները։
Շատ շուտով Զմրուխտե քաղաքը մնաց հետևում, իսկ հինգ ընկերները բռնեցին Արևմուտք տանող խորդուբորդ ճանապարհը։
Արևմուտքի Չար կախարդը միաչքանի էր, բայց այդ միակ աչքը նման էր հեռադիտակի և հասցնում էր նկատել ամեն ինչ։ Տեսնելով, որ իր տիրույթն են ներխուժել, Վհուկը սաստիկ զայրացավ ու որոշեց կործանել եկվորներին։ Նախ փչելով իր վզից կախած արծաթե սուլիչը՝ կանչեց գայլերի մի ոհմակ.
— Հոշոտե՛ք օտարականներին,— հրամայեց նա։
Գայլերը հարձակվեցին, բայց Փայտահատը ժամանակին նկատեց գազաններին ու կացնով գլխատեց նրանց։ Այս տեսնելով՝ Վհուկը ագռավների մի երամ ուղարկեց, որ կտցեն հանեն եկվորների աչքերը։ Բայց թռչունները Խրտվիլակից վախեցան ու հետ դարձան։ Կատաղած Վհուկը մեղուների մի պարս ուղարկեց, որ խայթելով սպանեն Դորոթիին ու նրա ընկերներին։ Բայց մեղուներին տեսնելով՝ Խրտվիլակն ասաց Փայտահատին.
— Իմ մեջ դրած հարդից հանի՛ր, որ Դորոթիին ու Առյուծին ծածկենք։
Փայտահատն այդպես էլ արեց։ Եվ երբ մեղուները մոտեցան, կարողացան խայթել միայն Փայտահատին։ Նրանց կնճիթները, դիպչելով Փայտահատի թիթեղյա ամուր մարմնին, կոտրվեցին։ Դորոթին ու Առյուծը հարդը նորից խցկեցին Խրտվիլակի շորերի մեջ և շարունակեցին ճանապարհը։
ԹԵՎԱՎՈՐ ԿԱՊԻԿՆԵՐԸ
Վհուկին միայն մի բան էր մնում անել. նա դրեց Ոսկե գլխարկը և կանչեց իր ամենազորեղ օգնականներին՝ թևավոր կապիկներին։ Միայն երեք անգամ կարող էր նրանց կանչել, սա արդեն երրորդ անգամն էր։ Երբ կապիկները տեղ հասան, վհուկը հրամայեց.
— Բոլորի վերջը տվե՛ք, բացի առյուծից. նրան վանդակում կփակեմ, մի բանի պետք կգա։
Կապիկներն առաջինը հասան Փայտահատին և օդ բարձրացնելով՝ ժայռերի վրա նետեցին։ Խեղճը մաս֊մաս եղավ։ Հետո Խրտվիլակի մարմնի մեջ եղած ամբողջ հարդը դուրս թափեցին։ Առյուծին նրանք թռցրին Վհուկի պալատը։ Հերթը Դորոթիին հասավ։ Բայց աղջկա ճակատին տեսնելով Բարի կախարդուհու համբույրի հետքը՝ չհամարձակվեցին անգամ դիպչել նրան և տարան վհուկի մոտ։
Վհուկը, աղջկա ճակատին տեսնելով համբույրի դրոշմն ու ոտքերի արծաթե մաշիկները, ահից դողաց։ Շատ շուտով, սակայն, նա հասկացավ, որ Դորոթին չգիտեր՝ ինչպես օգտվել կախարդական մաշիկներից, ե որոշեց նրան իր ստրուկը դարձնելու մի հնարով ձեռքից խլել մաշիկները։
Դորոթին օր ու գիշեր բանում էր՝ ավլում, լվանում ու սրբում։ Բայց մի օր, երբ վհուկը փորձեց նրա ոտքերից հանել մաշիկները, աղջիկը զայրացավ, շատ զայրացավ և մեծ դույլով ջուրը լցրեց վհուկի գլխին։
— Վա՜յ ինձ, վա՜յ, մահս եկել է,— սուր ճչաց Վհուկն ու տեղնուտեղը հալվեց, ջուր դարձավ։
ՓՐԿՈՒԹՅՈՒՆ
Ջուրը մաքուր սրբելուց հետո Դորոթին վազեց բակ՝ առյուծին ազատելու։ Ազատ արձակեցին նաև բոլոր ստրուկներին։ Այդ մարդիկ վինքիներն էին՝ Չար վհուկի հողերի նախկին տերերը։
— Եթե Խրտվիլակն ու Փայտահատն էլ մեզ հետ լինեին,— ասաց Առյուծը,— ես երջանիկ կլինեի։
— Մենք կօգնենք ձեզ,— ասացին վինքիները։ Նրանք փնտրեցին և գտան Փայտահատի ջարդված կտորները ե դրանք զգուշորեն տեղափոխեցին Վհուկի դղյակ։ Վինքիների ժրաջան թիթեղագործները նորոգեցին Փայտահատի մարմինը և նրա համար ոսկուց ու արծաթից մի շողշողուն կացին ձուլեցին։ Հետո գտան Խրտվիլակի շորերը և թարմ, մաքուր հարդ լցրին շորերի մեջ։ Խրտվիլակն ու Փայտահատն այժմ նոփ֊նոր էին։
Ժամանակն էր Զմրուխտե քաղաք վերադառնալու և Մեծն Օզին հայտնելու, որ կատարել են իրենց խոստումն ու սպանել Արևմուտքի չար վհուկին։ Վինքիներն ընկերներին հաջողություն մաղթեցին և նվերներ բաժանեցին, ոսկե օձիքներ՝ Տոտոյին ու Առյուծին, արծաթե յուղաման՝ Փայտահատին, ոսկեկոթ ձեռնափայտ՝ խրտվիլակին, շողշողուն մի ապարանջան՝ Դորոթիին։
Դորոթին վհուկի խոհանցից մի քիչ ուտելիք վերցրեց ճանապարհի համար։
— Ի՜նչ էլ սիրուն գլխարկ է,— ասաց նա՝ տեսնելով Վհուկի Ոսկե գլխարկը,— հագնեմ գնամ Զմրուխտե քաղաք։
Այդպես էլ արեց։
ԴԱՇՏԱՄԿՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ
Դեղին աղյուսե ճանապարհն այլևս չկար, և Զմրուխտե քաղաք պետք է հասնեին ինքնուրույն՝ անցնելով վայրի ծաղիկների դաշտով։ Զարմանալի չէ, որ շուտով մոլորվեցին. օրերով թափառեցին՝ քնելով բաց երկնքի տակ, հուսալով, որ ինչ֊որ բան կօգնի իրենց ճանապարհը գտնելու։ Մի օր, երբ անվերջ քայլելուց հոգնած՝ նստոտել էին խոտերի վրա, Դորոթին հարցրեց.
— Ի՞նչ եք կարծում, ղաշտամկները գիտե՞ն Զմրուխտե քաղաքի ճանապարհը։
— Իհա՛րկե կիմանան,— ասաց Խրտվիլակը,— բոլոըովին մոռացել էինք նրանց։
Դորոթին հիշեց, որ ղաշտամկների թագուհին իրեն մի փոքրիկ սուլիչ էր տվել, որ նեղն ընկած պահին կանչի նրան։ Հենց սուլեց, լսվեց փոքրիկ թաթերի թփթփոց, և գորշ մկնիկները շրջապատեցին նրանց։
— Դուք գիտե՞ք Զմրուխտե քաղաք տանող ճանապարհը,— հարցրեց Դորոթին։
Մկների թագուհին մի քայլ առաջ եկավ.
— Զմրուխտե քաղաքն այստեղից շատ հեռու է,— ասաց նա։— Ոսկե գլխարկի օգնությամբ կանչե՛ք թևավոր կապիկներին. նրանք ձեզ արագ տեղ կհասցնեն։ Այստեղ Դորոթին հասկացավ, որ իր ունեցածը սովորական գեղեցիկ գլխարկ չէ. ի՜նչ լավ արեց, որ հետը վերցրեց։ Թագուհի մկնիկը բացատրեց՝ ինչպես օգտագործել գլխարկը, և աղջիկը կանչեց թևավոր կապիկներին։ Խոնարհաբար ողջունելով Դորոթիին՝ կապիկների թագավորը հարցրեց.
— Ի՞նչ կհրամայեք։
— Մենք մոլորվել ենք,— ասաց Դորոթին։— Օգնե՛ք մեզ Զմրուխտե քաղաք հասնել։
— Իսկույն,— պատասխանեց թագավորը։
Կապիկները զգուշորեն օդ բարձրացրին ճամփորդներին և, շատ չանցած, իջեցրին քաղաքի պարիսպների մոտ։
ՄԵԾՆ ՕԶԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
Ճանապարհորդները երկար սպասեցին Օզի պալատի առջև։ Ժամ առ ժամ նրանց համբերությունը հատնում էր։ Վերջապես պահակը նրանց ներս ուղեկցեց։ Սենյակը դատարկ էր թվում, բայց ինչ֊որ տեղից լսվեց մի բամբ ձայն.
— Ես Մեծն սարսափելի Օզն եմ։ Ինչո՞ւ եք փնտրում ինձ։
— Չար կախարդն այլևս չկա,— ասաց Դորոթին,— հիմա Դուք պետք է կատարեք Ձեր խոստումը։
— Ըը՜մ... վաղը եկեք,— ասաց ձայնը, և աղջկան թվաց, որ այս անգամ ձայնը մի քիչ անվստահ է հնչում։
— Մեզ երկար չսպասեցնեք,— մռնչաց առյուծը։ Նրա ձայնից Տոտոն այնպես վախեցավ, որ մի կողմ թռչելով՝ շրջեց սենյակի անկյունում դրված միջնորմը... Միջնորմի հետևում կանգնած էր մի կարճլիկ ու ճաղատ մարդ։
— Դուք ո՞վ եք,— զարմացած ու հիասթափված հարցրեց Դորոթին։
— Ես Օզն եմ, Մեծն սարսափելի Օզը,— կմկմաց կարճլիկը,— բայց դուք կարող եք ինձ պարզապես Օզ անվանել։ Ինչպես տենում եք, ոչ մի կախարդ էլ չեմ, այլ շատ սովորական մարդ։
— Ուրեմն այսքան ժամանակ մեզ խաբո՞ւմ էիք,— հարցրեց Դորոթին։
— Այո՜,— մի քիչ ամաչելով՝ ասաց մարդը։— Ժամանակին, երբ Օմահայում էի բնակվում՝ Նեբրասկայում, որ Կանզասին շատ մոտ է, ես իրոք կախարդ էի։ Ես տարբեր ձեռնածություններ գիտեմ։ Զմրուխտե քաղաքը բոլորովին էլ կանաչ չէ, այլ այդպիսին է երևում ակնոցների կանաչ ապակիների շնորհիվ։
— Իսկ ինչպե՞ս եք այստեղ եկել,— հարցրեց աղջիկը։
— Շատ էի սիրում օդապարիկով թռչել։ Մի օր էլ այս կողմերում հայտնվեցի։ Երբ այստեղի բնակիչները տեսան՝ ինչպես եմ ամպերից վայր իջնում, որոշեցին, որ կախարդ եմ։ Որպեսզի մի լավ զվարճանամ, և իմ բարի հպատակներն էլ անգործ չմնան, հրամայեցի՝ այս քաղաքը կառուցեն։ Իսկ երբ տեսա, որ այն կանաչ է ու գեղեցիկ, անվանեցի Զմրուխտե քաղաք։
ՕԶԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ
Հաջորդ օրը Խրտվիլակն աոաջինը գնաց Օզի հետ հանդիպման։ Նա սրտանց ուզում էր մի քիչ խելք ունենալ։
— Ես ստիպված եմ գլուխդ մարմնիցդ անջատել, բայց հետո նորից տեղը կդնեմ, և այն առաջվանից ավելի լավը կլինի,— ասաց Օզը։ Նա պոկեց Խրտվիլակի գլուխը, դատարկեց միջի հարդն ու տեղը թեփ լցրեց։
— Ահա քեզ հրաշալի՝ խելքով լի նոր գլուխ,— ասաց Օզը։
— Շատ շնորհակալ եմ,— ասաց Խրտվիլակը և դուրս վազեց, որ ընկերները տեսնեն, թե որքան խելոք է դարձել։
Հաջորդ օրը Փայտահատը գնաց Օզի մոտ՝ նոր սիրտ ստանալու։ Օզն ինչ֊որ դարակ բացեց և այնտեղից հանեց մի գեղեցիկ, թավշե սիրտ, որի մեջ թեփ էր լցված։ — Իսկ դա բարի՞ սիրտ է,— հարցրեց Փայտահատը։
Օզը հավատացրեց նրան, որ թավշե սիրտն անչափ բարի է։ Փայտահատի կրծքին նա մի փոքրիկ անցք բացեց ու թավշե սիրտն այնտեղ ամրացրեց։
Երբ Առյուծի հերթը հասավ, Օզը բարձր դարակից վերցրեց մի կանաչ տափաշիշ, շշից ինչ֊որ հեղուկ լցրեց թասի մեջ ու Առյուծին խնդրեց խմել։
— Ի՞նչ է դա,— հարցրեց Առյուծը։
— Այսպես ասեմ. եթե դա քո ներսում լիներ, կանվանեինք քաջություն։ Իմացած լինես, բարեկա՛մս, որ քաջությունը միշտ ներսից է գալիս։
— Առյուծը խմեց ամբողջ հեղուկը և իսկույն իրեն քաջ զգաց։
Օզն ինքն իրենից շատ գոհ էր։ Բոլորը հավատացել էին կախարդանքին։ Նա գիտեր մարդկանց համոզել։ Մնում էր մի հարց՝ ինչպես Դորոթիին տուն՝ Կանզաս հասցնել։
ՕԶԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է
Դորոթին երազում էր տուն վերադառնալ, բայց Օզին ժամանակ էր հարկավոր։ Վերջապես նա կանչեց աղջկան։
— Ես մի ծրագիր ունեմ,— ասաց նա,— ես այստեղ եմ հայտնվել օդապարիկով։ Վստահ եմ, որ օդապարիկով էլ կարող ենք հեռանալ քաղաքից։ Օդապարիկ կարող ենք կարել մետաքսից. պալատում ինչքա՜ն ասես մետաքս կա։ Օդապարիկը կլցնենք տաք օդով, և այն մեզ տուն կհասցնի։
— Մե՞զ,— զարմացավ Դորոթին,— մի՞թե Դուք էլ եք գալիս մեզ հետ։
— Այո՛, հոգնել եմ այս պալատում փակված մնալուց։ Ոչ մի տեղ գնալ չեմ կարող։ Եթե դուրս գամ, բոլորը կիմանան, որ կախարդ չեմ։ Լավն այն է՝ հետդ Կանզաս գամ ու նորից կրկեսում աշխատեմ։
Ամբողջ երեք օր Դորոթին օգնում էր Օզին։ Երբ օդապարիկը պատրաստ էր, կապեցին լվացքի մի մեծ կողովից։ Օզը ժողովրդին հայտարարեց, որ ինքը պետք է գնա ամպերում ապրող իր եղբորն այցելության, և որ Դորոթին ուղեկցելու է իրեն։
— Իմ բացակայության ընթացքում ձեզ Խրտվիլակը կղեկավարի։ Ենթարկվե՛ք նրան, ինչպես ինձ։ Իսկ հիմա, Դո՛րոթի, մտի՛ր կողովը։
Տաք օդը օդապարիկը վեր էր մղում, բայց Դորոթին դեռ պատրաստ չէր մեկնելու։ Տոտոն ինչ֊որ կատվի էր հետապնդում, իսկ առանց շան աղջիկը երբեք տուն չէր գնա։ Հանկարծ ճայթյուն լսվեց. օդապարիկը պահող պարանները պոկվեցին, և Օզը ճախրեց վեր՝ դեպի ամպերը։ Դոըոթին խեղճ֊խեղճ նայեց հեռացող օդապարիկի հետևից։ Մեծն Օզը մեկնեց առանց նրա։
ԴԵՊԻ ՀԱՐԱՎ
Օզի հեռանալուց հետո Դորոթին սկսեց մտածել, թե ինչպես են վերադառնալու Կանզաս։ Ոսկե գլխարկի օգնությամբ նա նորից կանչեց թևավոր կապիկներին, բայց այս անգամ կապիկները չկարողացան օգնել նրան։
Աղջիկը շվարել էր։ Այդ ժամանակ պալատի զինվորը պատմեց նրան Հարավի բարի կախարդուհու՝ Գլինդայի մասին, որն իշխում էր Քվոդլինգների երկրում։
— Նա պետք է որ կարողանա քեզ օգնել,— ասաց զինվորը։
Եվ Դորոթին ընկերների հետ ճանապարհ ընկավ դեպի Հարավ։ Ճանապարհը երկար էր։ Նրանք անցան մութ ու խիտ անտառով։ Այնտեղ աճում էին սոսկալի ծառեր, որոնք ճյուղերը մեկնում էին, որ վնասեն ճանապարհորդներին։ Հետո մագլցեցին բարձր ու ողորկ պարիսպը և հայտնվեցին մի երկրում, որտեղ գետինը ճերմակ էր ու սպասքի նման փայլուն, իսկ փոքրիկ բնակիչները ճենապակուց էին։
Մեկ այլ անտառում հանդիպեցին մեծ գազանների, որոնք ժողով էին գումարել և սաստիկ աղմկում էին։ Առյուծին տեսնելով՝ գազանները ողջունեցին նրան։
— Դու ճիշտ ժամանակին եկար։ Փրկի՛ր մեզ թշնամուց,— ասացին նրանք։
Թշնամի ասածդ մի ահռելի սարդ էր, որ սողում էր անտառով՝ կուլ տալով պատահած գազաններին. բոլոր առյուծներին նա արդեն կուլ էր տվել։ Մեր Առյուծն առանց վախենալու մոտեցավ քնած Սարդին ու թաթի հզոր հարվածով պոկեց նրա գլուխը։
— Կարող եք այլևս չվախենալ թշնամուց,— ասաց նա։
Գազանները խոնարհվեցին Առյուծի առաջ և նրան թագավոր հռչակեցին։ Առյուծը խոստացավ Դորոթիին Կանզաս հասցնելուց հետո վերադառնալն թագավորել անտառում։
ՄՈՒՐՃԱԳԼՈՒԽՆԵՐԸ
Անտառից դուրս գալով՝ ճամփորդները հասան մի ժայռի, որը ստորոտից գագաթ ծածկված էր քարերով։ Դեռ նոր էին սկսել բարձրանալ, երբ հայտնվեց մի մեծ, մուրճանման գլուխ և բղավեց.
— Ապա մի հե՛տ քաշվեք, սա մեր սարն է, և ոչ ոք իրավունք չունի այստեղով անցնելու։
— Ուզես թե չուզես, մենք այս սարն անցնելու ենք,— ասաց Խրտվիլակն ու առաջ գնաց։
Մուրճագլուխը կայծակի արագությամբ վրա հասավ ու այնպես հարվածեց Խրտվիլակին, որ խեղճը սարից ցած գլորվեց։ Քրքջոց լսվեց, և քարերի հետևից հայտնվեցին հարյուրավոր մուրճագլուխներ։
Առյուծը զայրացած առաջ վազեց, բայց մուրճագլուխներից մեկը նրան պարզապես հետ շպրտեց։
— Սրանց անկարելի է հաղթել,— ասաց նա։
— Բա ի՞նչ ենք անելու,— հարցրեց Դորոթին։
— Կանչենք թևավոր կապիկներին,— հիշեց Խրտվիլակը։
Դորոթին դրեց Ոսկե գլխարկն ու կանչեց կապիկներին։ Նրանք իսկույն հայտնվեցին և Դորոթիին ու ընկերներին արագ ու ապահով հասցրին Քվոդլինգների աշխարհ՝ հարուստ ու բախտավոր մի երկիր, ուր ղաշտերում հասնում էր ցորենը, առվակները խոխոջում էին, իսկ տներն ու կամուրջները վառ կարմիր էին ներկված։
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԼԻՆԴԱՅԻ ՀԵՏ
Մոտենալով մի տան՝ ճանապարհորդները թակեցին դուռը։ Տանտիրուհին՝ կարճլիկ, գիրուկ, ոտից գլուխ կարմիր հագած մի կին, նրանց ներս հրավիրեց։ Կինը բարեսիրտ ու ձեռնբաց էր, և Դորոթիին ու նրա ընկերներին մի լավ հյուրասիրելուց հետո բացատրեց՝ ինչպես հասնեն Գլինդայի դղյակը։
Գլինդան անմիջապես նկատեց օտարականներին։ Գոհարապատ գահին նստած՝ նա իսկական գեղեցկուհի էր՝ ուսերին թափվող կարմիր վարսերով, կապույտ աչքերը՝ բարի՜֊բարի։
— Ինչո՞վ կարող եմ օգնել քեզ,— հարցրեց նա Դորոթիին։ Աղջիկն ամեն ինչ պատմեց նրան։
— Աստված քեզ պահապան, փոքրի՛կս։ Վստահ եմ, որ կկարողանամ օգնել քեզ տուն հասնել։ Բայց նախ ի՛նձ հանձնիր Ոսկե գլխարկը։
Դորոթին արդեն երեք անգամ օգտագործել էր Գլխարկը, այնպես որ ուրախությամբ տվեց այն Գլինդային, որը բարձրաձայն ասաց իր երեք ցանկությունները։
— Տարե՛ք Խրտվիլակին հետ՝ Զմրուխտե քաղաք, և թո՛ղ նա թագավորի այնտեղ, որովհետև իմաստուն է և արդար։
— Դու, Փայտահա՛տ, վերադարձի՛ր Վինկիների երկիրն ու դարձի՛ր նրանց բարի թագավորը։ Առյուծին տարե՛ք անտառ, որ դառնա գազանների արիասիրտ արքան։
— Իսկ Ոսկե գլխա՞րկը,— հարցրեց Դորոթին։
— Գլխարկը կտամ կապիկներին,— ասաց Գլինդան,— և նրանք ընդմիշտ ազատ կլինեն։
ԴՈՐՈԹԻԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ Է
Խրտվիլակի, Փայտահատի ու Առյուծի ցանկությունները կատարվել էին։ Բայց Դորոթին դեռ շփոթված էր։
— Իսկ ես ինչպե՞ս եմ Կանզաս հասնելու,— հարցրեց նա։
— Արծաթե մաշիկներդ քեզ տուն կհասցնեն,— պատասխանեց Գլինդան,— եթե սկզբում իմանայիր, թե դրանք ինչ զորություն ունեն, այստեղ հայտնվելուդ հենց առաջին օրը տուն կվերադառնայիր։
— Բայց այդ ժամանակ ինձ ո՞վ խելք կտար,— վրդովվեց Խրտվիլակը։
— Ես էլ սիրտ չէի ունենա,— ասաց Փայտահատը։
— Իսկ ես այդպես վախկոտ էլ կմնայի,— ասաց Առյուծը։
— Իրավացի եք,— ասաց Դորոթին,— բայց հիմա, երբ ստացել եք սրտներիդ ուզածը, ժամանակն է, որ տուն վերադառնամ։
— Արծաթե մաշիկները կախարդական են,— ասաց Գլինդան,— նրանք կարող են երեք քայլից քեզ ուզածդ տեղը հասցնել։ Պետք է ընդամենը երեք անգամ կրունկներդ իրար խփես և ասես՝ ուր ես ուզում գնալ։
Մեկնելուց առաջ Դորոթին ամուր գրկեց ու համբուրեց բոլորին։ Ընկերները շատ տխրեցին, որ ստիպված են բաժանվել, բայց նաև ուրախ էին, որ իրենց երազանքներն իրականացել են։ Գլինդան գահից իջավ և համբուրեց Դորոթիին։ Աղջիկը գրկեց շանն ու ևս մեկ անգամ մնաս բարով ասելով՝ կրունկները երեք անգամ շեշտակի իրար խփեց։
ՎԵՐԱԴԱՐՁ ՏՈՒՆ
Ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ Դորոթին միայն հասցրեց լսել, թե ինչպես է քամին սուլում ականջների մեջ։ Արծաթե մաշիկներն ընդամենը երեք քայլ արեցին, իսկ հետո այնպես անսպասելի կանգ առան, որ աղջիկը գլորվեց խոտերին՝ չհասցնելով հասկանալ՝ որտեղ է։ Վերջապես նա նստեց ու շուրջը նայեց։
— Աստվա՜ծ իմ,— բացականչեց նա։
Շուրջը վայրի տափաստանն էր։ Հին տունը հողմը թռցրել տարել էր։ Բայց փոխարենը մորաքրոջ ամուսինը, որ հիմա բակում կովերն էր կթում, նորն էր կառուցել։ Տոտոն Դորոթիի գրկից ցած թռավ և ուրախ հաչելով՝ վազեց դեպի նա։ Դորոթին ոտքի կանգնեց և վրայի փոշին թափ տվեց։ Հենց այդ ժամանակ տնից դուրս եկավ մորաքույր Էմը՝ ցնցուղը ձեռքին։ Երբ նա քրոջ դստերը տեսավ, ձեռքից վայր գցեց ցնցուղն ու ձեռքերը լայն բացած՝ վազեց դեպի աղջիկը։
— Իմ անգի՜ն բալիկ,— բացականչեց նա՝ Դորոթիին ամուր գրկելով ու նրա դեմքը համբույրներով ծածկելով,— այս որտեղի՞ց հայտնվեցիր։
Դորոթիին թվաց՝ սիրտն ուրախությունից կպայթի։
— Օզի երկրից, մորաքո՜ւյր,— հպարտ պատասխանեց աղջիկը,— և այնքա՜ն֊այնքան ուրախ եմ, որ կրկին վերադարձել եմ տուն։
ՎԵՐՋ