«Միջանցքի սիրունները(հատված)»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Միջանցքի սիրունները(հատված) |հեղինակ =Վանո Սիրադեղյան |թարգմանիչ = |աղբյու...»:) |
(Տարբերություն չկա)
|
17:46, 11 Նոյեմբերի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Վանո Սիրադեղյան |
Մենք արդեն այն տարիքում էինք, երբ մեր ջահել ընկերները ամուսնանում էին մեր ավագ ընկերների դուստրերի հետ։ Չէր անցնում նախադեպից մեզ պատած խուճապը։ Մենք դա ոտնձգություն էինք համարում ընկերության դեմ։ Չէինք ընկալում, որ մեծի ու փոքրի նրանց ընկերությունը միջնորդված էր, փաստորեն, մեզնով։ Ըստ էության, նրանց միջեւ եղածը դժվար էր ընկերություն համարել, բայց մեջտեղը կայինք մենք ու համոզված էինք, որ չի հասնում։
Մենք վտանգված էինք տեսնում բության կարգը, համեմայնդեպս, մեր շրջապատում փայփայված վարքը, որը բացառում էր ընկերոջ կնոջ աչքերի մեջ նայել, երկիմաստ նայել ընկերոջ քրոջը ու ծուռ նայել ընկերոջ երեխային։ Եթե մեծագործությունների ժամանակ չէր, որ հրաշքներ գործեինք մեր մերձավորների համար, եւ կյանքն էլ հեքիաթ չէր, որ երկնքից աստղեր վար բերեինք մեր դուստրերի ճակատն ու բախտը զարդարելու համար, ― գոնե այսքան բան կարող էինք անել՝ մեր տանն ու մեր շրջապատում նրանց հարամ շնչից զերծ պահելու ընդունակ էինք։ Խուճապը չէր անցնում, այնինչ մեր ներքին ձայնը մեզ հուշում էր, որ մեր տներում, մեր հոգատար շնչի տակ արագորեն աճող մեր սիրուն զավակները ուր֊որ է մեզ դուրս են մղելու կյանքի ժամանակի հետուսանողական, հետամուսնական այն հատվածից, որտեղ հազիվհազ հարմարվել֊հատատվել էինք եւ որը համարում էինք մեր եթե ոչ հավիտենական, գոնե տեւական մի հանգրվան, որը այնքան մոտ էր մեր երեխաների մանկությանը եւ այնքա՜ն հեռու ծերությունից ու մահից։ Եվ արդեն գիտակցելով մեր դիրքի խախուտությունը, սկսեցինք վտանգի դեմն առնել հասուն տղամարդու ձեռքի տակ եղած ամենայն ինչով, ժամանակի դեմ ընդվզելու միջոցների ողջ զինանոցով֊փողկապով, փողով, սպորտով, ավտոյով֊բանով, հրապուրվելով ու սիրահարվելով, ամեն բան վերստին սկսելու վատթարագույն ձեւով՝ նոր ամուսնությամբ․․․ Ջանալով փոխել իրերի այն ընթացքը, ստացվել էր, իբր, անարդարացիորեն՝ մեզանից անկախ պատճառով, նույնիսկ հակառակ մեր լավ հայր ու ամուսին լինելու սրտառուչ երազանքին։ Վերջին մենամարտը տեղի էր ունեցել հարյուր տարի առաջ, եւ աքլորանալու այդ միջոցին էլ փոխարինում էր բակի երեխաների սազական անկանոն ու անչար ձեռնակռիվը, ― ճիշտ է, գնալով հազվադեպ դարձող։ Մեր սերնդի գրասեր պառավ կանանց քույրաբար անհանգստացած ախուվախը, մեր շուրջը հածող գեշուհի բանաստեղծների մեզանով հիացած ու տագնապած տեսքը մեզ վերադարձնում էին «ելման սեղաններին», եւ մեր խմածը մեր քթից գալիս էր, որովհետեւ թե՛ ամոթ էր եւ թե՛ ափսոս, որ մեր կորովի բացառիկ այս պոռթկումն էլ չարժանացավ ավելի լավ հանդիսատեսի, քան բեղերով բանաստեղծուհիներն էին եւ մեր ուսանողական տարիների արդեն պառաված՝ միջանցքի սիրունները, ովքեր այն ժամանակ, մինչ մենք երրորդ կուրս կհասնեինք, հասցրել էին մի երես ամուսնանալ֊բաժանվել, գնում էին երկրորդ շրջանով՝ հարեւանցի բարեւելով ու մեր բարեւը առնելով։ Այնին, մենք նոր֊նոր հարմարվում էինք քաղաքի կենտրոնին։ Մայրաքաղաքի այդ տոնական կյանքից այլեւս երբեք չկտրվելու վճռականությամբ լեցուն, ― մենք՝ արվարձաններից, գյուղերից ու մանր քաղաքներից եկածներս, թոշակի, հանրակացարանի, պահակության հարց էինք լուծում, բավարարվում էինք հպանցիկ սիրահարությամբ ու թեթեւ սիրախաղով եւ մեր տղայական սկիզբը հա՛ փլուզվող մեր կամքի բռան մեջ տառացիորեն սեղմած՝սրտում էինք դասի նվազագույնը, դնում էինք մեր ապագայի հիմքը՝ մեր խելքի, մեր ծնողների կարողությամբ չափով։ Միջանցքներում մեզ հունից հանում էին լսարաններ չմտնող սիրունները, ընթերցասրահներում գրքերի վրա կենտրոնանալ չէին թողնում հազվադեպ ուսումնասեր գեղեցկուհիները, բայց մենք հասկանում էինք, որ առաջին քննաշրջանը պիտի հաղթահարենք։ Հանրակացարանների մեր հարկերում մեզ սուրճ, մուրաբայով թեյ, երբեմն էլ տապակած կարտոֆիլ էին հրամցնում գյուղերից ու մանր քաղաքներից հետներս բերած՝ արեւահարված֊վտիտ կամ կարմրաթուշ֊չաղլիկ ուսումնատենչ մեր աղջիկները։ Իհարկե, սիրահարություններ լինում էին։ Կային նաեւ աչքաբաց զույգեր, որ բանը արագ հասցնում էին աբորտի, ինչը անմիջապես հայտնի էր դառնում ուսանողական թաղամասին՝ մանրամասնորեն․ ովքեր էին, որտեղից, որ սենյակից, քանի ամսական էր։ Բայց հիմնականում դասական երաժշտություն ու «Բիթլզ» էինք լսում, իսկ ով հաջողացրել էր «Հիսուս Քրիստոսը սուպերաստղ» ռոք֊օպերան լսել մի տեղ, մի քանի շշից հետո սկսում էր մեղեդին պատմել։ Պարում էինք հանրակացարանի սենյակի չափերին խիստ հարմար տանգո, խմում էինք կարմիր «Գառնի» ու սպիտակ «Մեղրաձոր», քնում էինք անհանգիստ քնով, արթնանում՝ լուսաբացի ցողը ռունգերին առած ցլիկների նման առույգ ու գեղեցիկ, եւ հանրակացարանների բլուրներից անհամբեր իջնում էինք քաղաք։
Իսկ նրանք լսարան չէին մտնում։ Նրանք համալսարան էին գալիս միջանցքներում երեւալու համար։ Ճեմում էին միջանցքներում, նստում էին սուրճ խմելու կենտրոնական զույգ սրճարաններից այն մեկում, որը մոտ էր կանանց զուգարանին։ Երկրորդ հարկի այդ կենտրոնական ֆոյեն համալսարանի անցուդարձի խաչմերուկն էր, միաժամանակ գլխավոր դահլիճի ճեմասրահը՝ ժողովների ու համերգների, այլեւայլ նշանակալից երեկոների ժամանակ, նաեւ ժամադրավայր էր թեւային շենքերում սովորող ու աշխատող ժողովրդի համար, եւ, բնականաբար, այդ ֆոյեն սպասարկող զույգ սրճարաններում մեկական կակտուս կար դրված թաղարի մեջ։ Տպավորությունը փչացնող միակ բանը նրբերշիկ խաշող սարքի գոլորշին էր, բայց դրա հետ անհնար էր չհաշտվել, որովհետեւ այդ արտոնյալ տեղը միակ տաք բանը խաշած նրբերշիկն էր։ Ուսանողները իրենց տաք ճաշը ուտում էին իրենց թեւաշենքերի մառանահարկերի ճաշարաններում։ Երկվորյակ կակտուսների զույգ այդ աստիճանները տարբերվում էին հաճախորդի կազմով։ Այն, որ տղամարդկանց զուգարանի ու պատմության ֆակուլտետի կողմն էր, այդտեղ նստում, դանդաղ ծամում էին պատմության, իրավաբանության, տնտեսագիտական (որ կանանց զուգարանի կողմն էր) ֆակուլտետների դասախոսներն ու միջին ադմինիստրացիան, իսկ ակդ մեկում թեթեւ նախաճաշում, սուրճ ու տոմատի հյութ էին տեւականորեն խմում պակաս պաշտոնական ֆակուլտետների ժողովուրդը, միջանցքի սիրունները, նրանցով շահագրգիռ դրսի ջահելները եւ մենք, որ այստեղի անյուղ երշիկն ու տապակած―սառը թոքը գերադասում էինք ֆիզիկայի ֆակուլտետի ճաշարանի առողջարար ջրալի ճաշից։ «Ազատ բարքերի» այդ սրճարանից, այնուամենայնից, աղջիկները դուրս էին գալիս ծխելու կողքի զուգարանում։ Մեզ փող էր պետք, գրողը տանի։ Փող պետք էր թեկուզեւ կողքի սեղաններին ամբողջ ժամանակ նստած լինելու համար։ Մեր գիտակցությանը դեռ չէր հասել, որ մեր բաժին սիրունները դեռ սովորում են դպրոցի 9֊րդ, 10֊րդ դասարաններում, եւ համառորեն մեզ պահում էինք նրանց մոտերքում։
Իսկ փող հնարավոր էր աշխատել միայն դասերի հաշվին։ Քնելու հաշվին վատ էր ստացվում․ պահակապետը գալիս բռնում էր քնած։ Ինչ էին այդպես ստուգում ու պահպանում․․․ Շենք էր, դուռը ներսի կողպում քնում էինք կեսգիշերից հետո։ Տանելու բան լիներ, աշխատողներն իրենք կտանեին եւ այն էլ՝ օրը ցերեկով։ Գիշերը այդ երկրում, առհասարակ, բան չէին գողանում, եթե չհաշվենք դեռահասների այգիները ասպատակելը՝ անքնությունից, եւ հազվադեպ անասնագողությունը, որ ավելի շատ սպորտային կիրք էր կամ երեկոյան գյուղամիջում կնքած գրազի հետեւանք։ Հիմնավորապես գողանում էին ցերեկը։ Եվ միայն նրանք, ովքեր տնօրինում էին։ Նույնիսկ պահպանողներին հերթը չէր հասնում։ Մանր֊մունր բաներ գործարանների ու պահեստապետերի բակերից թռցնում էր գիշերապահ միլիցիան, բայց իր թափով դա ավելի նման էր երեխեքի՝ այգիներից միրգուպտուղ թռցնելուն։ Այսպես հիմնավորապես միառժամանակ գողանալուց հետո, վաղօրոք հաստատված ժամանակակարգով, ստուգումների նախօրեին հրկիզում էին համազգային ունեցվածքի կուտակման վայրերը, որ փոքր բնակավայրերում պահեստ էր կոչվում, մեծերում՝ բազա կամ գործարանի պատրաստի արտադրանքի հրապարակ։ Արտակարգ հանձնաժողովը արձանագրությունով եղածը համարում էր չեղած, շինությունները նորոգում էին, լցնում էին նորից, եւ սկիզբ էր առնում նոր «հաշվետու շրջանը» մինչեւ նոր ստուգում կամ նոր աղետ։ Եվ առաջին քարտուղարից սկսած մինչեւ այդ գողությունից մաս չունեցող ժողովուրդը գոհ էին, որ երկիրը կես դարում կառափնարանից վերածվել է կանոնավոր ավազակաորջի։ Եվ ուրեմն, ցերեկային գողության խստագույն կանոնակարգված լինելը տեղ չէր թողնում ինքնագործունեության եւ գիշերային արկածախնդրության։ Եվ մեր ջահել, օրվա տպավորություններից ջլատված մարմինները պահակի մեր պրոֆեսիոնալ խղճի հետ հաշտ ու ոտուծոց քուն էր մտնում կեսգիշերից հետո։ Եթե բնության այդ քաղցր պարտադրանքին ընդդիմանալ չէր լինում բանակում, այստեղ դիմադրելը լրիվ անիմաստ էր։ Քնում էինք պոստում։ Չէր քնում նա, ով հիվանդ էր կամ ով ցավոտում էր ժամապահ կարգվելով։ Կամ վախից ցնորվում էր չորս ժամով։
Ամենազգոնները փամփուշտը մտցնում էին փամփշտակալը, ձգանը ապահովիչից հանում եւ կոպերը փակում մեկ րոպեով․․․ Դե, մեկ րոպեն ինչքան որ տեւեց։ Մեկ էլ ահազանգը ոտքի էր հանում պահակատունը․․․ Իսկ քնաթաթախ կրակելու պատճառ միշտ կար։ Սառնամանիքից կծկված֊սսկված անտառում կեչու ճյուղը ճաքում էր ճիշտ ավտոմատի կենտ կրակոցի նման։ Եվ ինչպես