Changes
/* Առաջին գլուխ */
― Ասվածը բնավ հիմարություն չէ, ֆրաու Գրուբախ։ Ես էլ առնվազն Ձեզ նման եմ մտածում, սակայն, ամբողջությամբ վերցրած, այս ամենի մասին ավելի խիստ կարծիքի եմ, քան Դուք, և կատարվածը բնավ ոչ թե ուսուցողական բան եմ համարում, այլ՝ ընդհանրապես ոչինչ։ Ինձ հանկարծակիի բերեցին․ այդպես է։ Եթե արթնանալուց անմիջապես հետո չթողնեի, որ Աննայի ներս չգալը շփոթեցներ ինձ, վեր կենայի և առանց մեկնումեկին հաշվի առնելու (ով էլ որ ճանապարհս փակեր) Ձեզ մոտ եկած լինեի, այս անգամ որպես բացառություն խոհանոցում նախաճաշեի, Ձեզ խնդրեի իմ սենյակից բերել շորերս, կարճ ասած, եթե ավելի խելամիտ գտնվեի, ապա ոչինչ չէր պատահի, և ինչ լինելու էր, կկանխվեր։ Բայց ո՞ւմ մտքով կանցներ։ Բանկում, օրինակ, ես միշտ ուշադիր եմ, և հնարավոր չէ, որ այնտեղ նման բան կատարվեր։ Այնտեղ ես հատուկ ծառա ունեմ, ընդհանուր գործածության և գրասենյակային հեռախոսները դրված են դիմացս՝ սեղանին, մարդիկ են գալիս շարունակ, այցելուներ, ծառայողներ, դրանից բացի (ամենից առաջ), ես այնտեղ միշտ զբաղված եմ և, հետևաբար, զգոն։ Ինձ ուղղակի հաճույք կպատճառեր այնտեղ նման գործի հետ առնչվելը։ Եղածն անցած է, և ես, ճիշտն ասած, չէի ուզենա այլևս այդ մասին խոսել։ Միայն Ձեր կարծիքը, Ձեզ նման խելամիտ կնոջ կարծքիը կուզենայի լսել և շատ գոհ եմ, որ այդ հարցում մենք համամիտ ենք։ Դեհ, տվեք ինձ Ձեր ձեռքը։ Այդպիսի զուգադիպությունը պետք է ձեռքսեղմումով վավերացվի։
«Վերակացուն չտվեց ձեռքը։ Արդյո՞ք նա կմեկնի»,― մտածեց Կ֊ն և ֆրաու Գրուբախին նայեց արդեն ոչ նախկին հայացքով, այլ՝ քննախույզ։
Որովհետև Կ֊ն ոտքի էր կանգնել, ֆրաու Գրուբախը նույնպես ելավ տեղից։ Նա մի փոքր շփոթված էր երևում, Կ֊ի ասածներից ամեն ինչ չէ, որ հասկանալի էր եղել նրան, այդ շփոթվածության պատճառով նա մի բան ասաց, որ չէր ուզում ասած լինել բնավ, և որը տեղին չէր բոլորովին։
― Այդքան ծանր մի տարեք, պարոն Կ․։― Նրա ձայնը արտասվախառն էր ու, բնական է՝ նաև մոռացավ ձեռքսեղմումը։
― Չգիտեի, որ ծանր եմ տանում։― Հանկարծ հոգնածություն զգալով և այդ կնոջ հավանությունների արժեքազուրկ լինելը գիտակցելով ասաց Կ֊ն։― Ֆրոյլայն Բյուրստները տա՞նն է,― դռանն հասնելով, հարցրեց նա։
― Ոչ։― Չոր տեղեկություն տալու ժամանակ ֆրաու Գրուբախը ժպտաց ուշացած, խոհեմ կարեկցանքով։― Թատրոն է գնացել։ Բա՞ն էիք ուզում։ Որևէ բան հայտնե՞մ նրան։
― Ես մի քանի խոսք էի ուզում փոխանակել նրա հետ։
― Ցավոք, չգիտեմ, թե երբ կգա։ Թատրոն գնացած օրերին սովորաբար ուշ է վերադառնում։
― Կարևոր չէ։― Ասաց Կ֊ն, ուզեց դուրս գալ և, գլուխը կախ, դեպի դուռը շուռ եկավ։― Ուզում էի միայն ներողություն խնդրել, որ այսօր զբաղեցրել էի նրա սենյակը։
― Կարիք չկա, պարոն Կ․։ Դուք չափազանց նրբազգաց եք։ Ֆրոյլայնը ոչ մի բանից տեղյակ չէ։ Նա վաղ առավոտվանից դեռ տուն չի եկել և, հետո, ամեն ինչ կարգի է բերված։ Ինքներդ նայեք։― Նա բացեց ֆրոյլայն Բյուրստների սենյակի դուռը։
― Շնորհակալություն, հավատում եմ,― ասաց Կ֊ն, բայց մոտեցավ բաց դռանը։ Լուսնի խաղաղ լույս կար սենյակում, որքանով որ կարելի էր տեսնել, իրոք, ամեն բան իր տեղում էր, վերնաշապիկը նույնպես, այլևս պատուհանի բռնակից կախված չէր։ Աչքի էին զարնում մահճակալի վրա բարձր դարսած բարձերը, որոնք մասամբ լուսնալույսի երիզի մեջ էին։
― Ֆրոյլայնը հաճախ է ուշ տուն գալիս։― Ասաց Կ֊ն և այնպես նայեց ֆրաու Գրուբախին, կարծես նա էր դրա համար պատասխանատու։
― Բոլոր ջահելների նման․․․― արդարացնելով պատասխանեց ֆրաու Գրուբախը։
― Իհարկե, իհարկե, բայց այդպես կարող է հեռուն գնալ։
― Կարող է։ Շատ իրավացի եք, պարոն Կ․։ Թերևս, նույնիսկ այս դեպքում։ Ես բոլորովին չեմ ուզում ֆրոյլայն Բյուրստներին զրպարտել։ Ինչ խոսք, նա լավ, հաճելի աղջիկ է, բարեհաճ է, կարգին, աշխատասեր, ես այդ ամենը շատ եմ գնահատում, բայց ինչ որ ճիշտ է, ճիշտ է․ նա պետք է որ ավելի հպարտ և զուսպ լիներ։ Այս ամիս ես նրան արդեն երկու անգամ տեսել եմ հետ ընկած փողոցներում, և ամեն անգամ՝ տարբեր պարոնների հետ։ Ինձ համար շատ տհաճ է, ես միայն Ձեր, աստված վկա, միայն Ձեզ եմ պատմում, պարոն Կ․, սակայն խիստ հնարավոր է, որ այդ մասին նաև ֆրոյլայնի հետ խոսեմ։ Իմիջիայլոց, միայն դա չէր, որ իմ մեջ կասկած է հարուցում։
― Դուք մոլորության մեջ եք,― կատաղած ասաց Կ֊ն, որովհետև անզոր էր զայրույթը թաքցնել։― Ի դեպ, Դուք բացահայտ սխալ հասկացաք նաև ֆրոյլայնի մասին արած իմ դիտողությունը։ Ես նրան շատ լավ եմ ճանաչում, և Ձեր ասածներից ոչ մեկը ճիշտ չէ։ Այսինքն, ես գուցե շատ հեռու եմ գնում։ Չեմ ուզում խանգարել Ձեզ։ Ասեք նրան, ինչ ուզում եք։ Բարի գիշեր։
― Պարոն Կ․;― Խնդրագին արտաբերեց ֆրաու Գրուբախը և շտապեց նրա հետևից։ Կ֊ն արդեն բացել էր սենյակի դուռը։― Ես ախր առայժմ չեմ ուզում խոսել ֆրոյլայնի հետ։ Իհարկե, նախ ուզում եմ ավելի ալվ ճանաչել նրան և, հետո, միայն Ձեզ վստահեցի իմ գիտեցածը։ Ի վերջո, եթե մարդ ուզում է մաքուր պահել իր պանսիոնը, բոլոր կենվորները պետք է տեղյակ լինեն պահանջներին։ Ես դրանից բացի ուրիշ բանի չեմ ձգտում։
― Մաքրութո՛ւն։― Դռան ճեղքից բղավեց Կ֊ն։― Եթե ուզում եք պանսիոնատը մաքուր պահել, նախ պետք է ինձ հեռացնեք։― Նա դուռը վրա խփեց և այլևս ուշադրություն չդարձրեց կամաց թակոցներին։
Կ֊ն քնելու ցանկություն չուներ, ընդհակառակը, նա որոշեց առայժմ արթուն մնալ, առիթի դեպքում ճշտել նաև, թե երբ կգա ֆրոյլայն Բյուրստները, և, որքան էլ անհարմար թվար, գուցեև հարավոր լիներ նրա հետ մի քանի խոսք փոխանակել։ Պատուհանագոգին երկար մեկնված, նա մի պահ նույնիսկ որոշեց պատժել ֆրաու Գրուբախին․ ամեն ինչ պատմել ֆրոյլայն Բյուրստներին և միասին լուծարքի ենթարկել պանսիոնատը։ Սակայն այդ միտքը սարսափելի չափազանցված թվաց, և նա նույնիսկ կասկածեց, որ լուծարքի ենթարկելը և բնակարանը փոխելը առավոտվա դեպքերով են պայմանավորված։ Դրանից ավելի անիմաստ, անմիտ ու արգահատելի ոչինչ հնարավոր չէր հորինել։
Երբ Կ֊ն ձանձրացավ դատարկ փողոցին նայելուց, պառկեց բազմոցին։ Մինչ այդ նա փոքր ճեղքի չափով բացեց սենյակի դուռը, րո պառկած տեղից կարողանար տեսնել ամեն ներս մտնողի և համարյա մինչև ժամը տասնմեկը պառկեց հանգիստ, սիգար ծխելով։ Դրանից հետո այլևս չկարողացավ պառկած մնալ ու դուրս եկավ նախասենյակ․ կարծես դրանով կարող էր արագացնել ֆրոյլայն Բյուրստների վերադարձը։ Կ֊ն ֆրոյլայն Բյուրսներին տեսնելու առանձնակի ոչ մի պատճառ չուներ, նա չէր կարող նույնիսկ լավ հիշել, թե ինչպիսի տեսք ուներ ֆրոյլայնը, սակայն այժմ ուզում էր խոսել նրա հետ, և նրան հուզում էր այն հանգամանքը, որ ֆրոյլայն Բյուրստները, ուշ վերադառնալով, այդ օրվա ավարտին անգամ անհանգստություն ու անկարգություն էր մտցնում։
Նորից ֆրոյլայն Բյուրսնտերն էր մեղավոր, որ Կ֊ն չընթրեց և բաց թողեց այսօրվա համար նախատեսված հանդիպումը Էլզայի մոտ։ Այդ բացթողումները Կ֊ն կարող էր լրացնել, եթե այժմ գնար Էլզայի աշխատավայր֊գինետունը։ Նա մտադիր էր այդպես էլ վարվել, բայց միայն ֆրոյլայն Բյուրստների հետ զրուցելուց հետո։
Ժամը տասներկուսին մոտ էր արդեն, երբ սանդուղքների վրա լսվեց վերև բարձրացող ինչ֊որ մեկի ոտքերի ձայնը։ Կ֊ն, որ, մտքերին անձնատուր, աղմուկով ետուառաջ էր քայլում նախասենյակում (կարծես իր սենյակում լիներ), անցավ դռան հետևը։ Եկողը ֆրոյլայն Բյուրստներն էր․ դողացնելով, նա նեղ ուսերին էր առել մետաքսյա գլխաշորը։ Հաջորդ պահին նա իր սենյակը կգնար, իսկ Կ֊ն, ինչ խոսք, կեսգիշերին իրավունք չէր ունենա նրա սենյակը մտնել։ Ուրեմն պետք էր այժմ խոսել, սակայն, դժբախտաբար, նա մոռացել էր վառել իր սենյակի լույսը, իսկ մութ սենյակից դուրս գալը հարձակման տպավորություն կթողներ և, ամենաքիչը, խիստ կվախեցներ ֆրոյլայնին։ Անօգնական դրության մեջ, քանի որ կորցնելու ժամանակ չուներ, նա դռան ճեղքից շշնջաց։
― Ֆրոյլայն Բյուրստնե՜ր․․․,― Նրա ձայնը ավելի շուտ որպես խնդրանք հնչեց։
― Ո՞վ կա այստեղ,― հարցրեց ֆրոյլայն Բյուրստներն ու, աչքերը լայն բացելով, շուրջը նայեց։
― Ես եմ։― Առաջ եկավ Կ֊ն։
― Ախ, պարոն Կ․,― ժպտաց ֆրոյլայն Բյուրստներն ու պարզեց ձեռքը։― Բարի երեկո։
― Ես ուզում էի մի քիչ խոսել Ձեզ հետ։ Թույլ կտա՞ք։
― Հիմա՞, այս րոպեի՞ն է պետք խոսել։ Փոքր֊ինչ տարօրինակ է, այնպես չէ՞։
― Ես ժամը իննից Ձեզ եմ սպասում։
― Այո, ես թատրոն էի գնացել։ Ես, ախր, ոչինչ չգիտեի Ձեր մասին։
― Ձեզ հետ խոսելու պատճառը միայն այսօր տեղի ունեցած դեպքն է։
― Այդպես։ Ես, իհարկե, սկզբունքորեն ոչ մի առարկություն չունեմ, միայն թե սարսափելի հոգնած եմ։ Մի քանի րոպեով եկեք իմ սենյակը։ Այստեղ մենք ոչ մի դեպքում չենք կարողանա զրուցել և կարթնացնենք բոլորին։ Իսկ եթե արթնանալու պատճառը մենք դառնանք, ինձ համար ավելի տհաճ կլինի։ Սպասեք մինչև սենյակիս լույսը վառեմ և հետո այստեղ հանգցրեք լույսը։
Կ֊ն այդպես էլ վարվեց և սպասեց, մինչև ֆրոյլայն Բյուրստները իր սենյակից ցածր ձայնով կանչեց։
― Նստեցեք։― Նա ցույց տվեց թախտը, իսկ ինքը, չնայած հոգնածությանը, որի մասին խոսում էր քիչ առաջ, մնաց մահճակալի գլխի մոտ կանգնած և նունիսկ չհանեց փոքրիկ, ծաղիկներով խիտ զարդարված գլխարկը։
― Ի՞նչ էիք ուզում, ուրեմն։ Ինձ համար իրոք, հետաքրքիր է։― Նա թեթևակի խաչեց ոտքերը։
― Դուք երևի ասեք, թե դա այնքան էլ շտապ չէր,― սկսեց Կ֊ն,― որ դրա քննարկումն այնքան էլ կարևոր չէ, բայց․․․
― Ներածական մասը ես միշտ բաց եմ թողնում։
― Դա հեշտացնում է գործը։ Այսօր առավոտյան Ձեր սենյակը՝ ինչ֊որ չափով իմ մեղքով, մի փոքր տակնուվրա է արվել։ Անծանոթ մարդիկ արեցին․ իմ կամքից անկախ էր և, ինչպես ասում են, մեղավորը ես էի։ Այդ պատճառով ուզում էի ներողություն խնդրել։
― Ի՞մ սենյակը։― Ֆրոյլայն Բյուրստները սենյակի փոխարեն Կ֊ին էր զննում։
― Հենց այդպես,― ասաց Կ֊ն, և նրանք առաջին անգամ իրար աչքերի մեջտ նայեցին։― Եվ այն մասին, թե ինչպես կատարվեց, չարժի որևէ բան ասել։
― Այո, բայց դա իսկապե՞ս միակ հետաքրքիր բանն է։
― Ոչ։
― Լավ,― ասաց ֆրոյլայն Բյուրստները։― Չեմ ուզում գաղտնիքների մեջ ներթափանցել։ Դուք պնդում եք, որ դա անհետաքրքիր է։ Ես էլ ոչնչով չեմ առարկի, իսկ որ ներողություն եք խնդրում, սիրով ներում եմ, մանավանդ որ անկարգության ոչ մի հետք չեմ կարող գտնել։― Նա ափերն ազդրերին ամուր սեղմած, մի պտույտ տվեց սենյակում և կանգնեց խսիրի մոտ։― Տեսեք, իմ լուսանկարներն իրոք խառնել են։ Զզվելի է։ Ուրեմն ինչ֊որ մեկը առանց իրավունքի եղել է իմ սենյակում։― Կ֊ն գլխով արեց և մտքում հայհոյեց Կամիներին, որն իր անիմաստ, զզվելի աշխուժությանը երբեք չէր կարողնաւոմ չափ ու սահման դնել։
― Տարօրինակ է,― ասաց ֆրոյլայն Բյուրստները,― որ ես եմ ստիպված արգելել Ձեզ այն, ինչ Դուք չպետք է թույլ տայիք Ձեզ։ Նկատի ունեմ իմ բացակայության ժամանակ այս սենյակը մտնելը։
― Ֆրոյլայն, ես ախր բացատրեցի Ձեզ։― Կ֊ն ևս մոտեցավ լուսանկարներին։― Ես չեմ եղել լուսանկարները խառնողը, բայց, քանի որ չեք հավատում, պետք էխոստովանեմ, որ հետաքննող խումբն իր հետ բերել էր բանկի երեք աշխատակիցների, և նրանցից մեկը, որին ես առաջին իսկ հնարավորության դեպքում դուրս կնետեմ բանկից, իրոք ձեռք է տվել լուսանկարներին։ Այո, այստեղ հետաքննող խումբ է եղել։― Ավելացրեց Կ֊ն, որովհետև ֆրոյլայն Բյուրստները հարցական հայացքով նրան էր նայում։
― Ձե՞ր պատճառով։
― Այո։
― Ոչ։― Բացականչեց ֆրոյլայնը և ծիծաղեց։
― Այո։― Համառեց Կ֊ն։― Կարծում եք ես անմե՞ղ եմ։
― Անմե՞ղ․․․ Ես չեմ ուզում հնարավոր ծանր հետևանքներ ունեցող անմիջական վճիռներ հանել, առավել ևս, որ Ձեզ էլ չեմ ճանաչում։ Ախր հանցագործը պետք է ծանր բան կատարած լինի, որ նրա հետևից շտապ կարգով հետաքննչական հանձնաժողով ուղարկեն։ Իսկ որովհետև Դուք ազատ եք․․․ Ձեր հանգիստ շարժուձևերից եմ ենթադրում, որ գոնե բանտից չեք փախել, և կարող եմ ասել, որ ոչ մի հանցանք չեք կատարել։
― Այո, բայց հետաքննչական հանձնաժողովը կարող է ճշտած լինել․ ես անմե՞ղ եմ, թե՞, ինչպես ենթադրվեց՝ ոչ այնքան մեղավոր։
― Իհարկե։― Չափազանց ուշադիր ասաց ֆրոյլայն Բյուրստները։
― Տեսնո՞ւմ եք,― ասաց Կ֊ն։― Դատական գործերում Դուք այնքան էլ փորձ չունեք։
― Իրոք որ չունեմ։ Հաճախ եմ զգացել։ Ես կուզեի ամեն ինչ իմանալ, և հենց դատական գործերն են ինձ անչափ հետաքրքրում։ Դատարանը արմանալի գրավչություն ունի, չէ՞։ Այդ ուղղությամբ ես իմ գիտելիքները կկատարելագործեմ հաստատ, որովհետև հաջորդ ամսից գործի կանցնեմ փաստաբանական բյուրոյի գրասենյակում։
― Հրաշալի է։ Այդ դեպքում դատավարության ժամանակ կկարողանք որոշ չափով օգնել ինձ։
― Հնարավոր է։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Հաճույքով կկիրառեմ իմ գիտելիքները։
― Ես էլ եմ լուրջ ասում։ Կամ, առնվազն Ձեզ նման․ կիսալուրջ։ Փաստաբան հրավիրելու համար գործը շատ աննշան է, սակայն խորհրդատուն ինձ պետք կգա։
― Այո, բայց եթե ես պետք է խորհրդառու լինեմ, ապա պետք է իմանամ, թե բանն ի՞նչ է։
― Ամբողջ բարդույթյունն այն է, որ ես էլ չգիտեմ, թե բանն ինչ է։
― Այսինքն, Դուք ուզում եք ինձ ծաղրած լինել,― չափազանց հիասթափված ասաց ֆրոյլայն Բյուրստները։― Դրա համար բոլորովին կարիք չկար այս ուշ գիշերային ժամն ընտրել։
Նա հեռացավ լուսանկարների մոտից, ուր նրանք այդքան ժամանակ կանգնած էին միասին։
― Բայց ոչ, ֆրոյլայն։ Ես չեմ կատակում։ Չե՞ք ուզում հավատալ ինձ։ Ինչ գիտեի, պատմեցի, և նույնիսկ ավելի շատ, քան գիտեի, որովհետև դա բնավ էլ հետաքննչական հանձնաժողով չէր։ Ես եմ այդպես անվանում, որովհետև համապատասխան ուրիշ ոչ մի անուն չգիտեմ։ Անգամ ոչ մի բան չստուգեցին։ Միայն ձերբակալեցին։ Խումն էր ինձ ձերբակալողը։
― Իսկ ինչպե՞ս։― Ֆրոյլայն Բյուրսնտերը նստել էր թախտին ու շարունակ ծիծաղում էր։
― Սարսափելի։― Ասաց Կ֊ն, բայց այդ պահին նա բոլորովին չէր մտածում կատարվածի մասին․ նրան համակել էր ֆրոյլայն Բյուրստների տեսքը։ Ֆրոյլայնը նստել էր դեմքը մի ձեռքին հենած, արմունկը դրել էր բարձին, մյուս ձեռքով դանդաղ շփում էր ազդրը։
― Շատ է ընդհանուր։
― Ի՞նչն է շատ ընդհանուր,― հարցրեց Կ֊ն, հետո հիշեցկատարվածն ու նորից հարցրեց։― Ցույց տա՞մ, թե ինչպես կատարվեց։― Նա ուզում էր շարժվել, բայցև չէր ուզում հեռանալ։
― Ես հոգնած եմ արդեն։
― Դուք այնքան ուշ եկաք։
― Բանն ավարտվում է նրանով, որ ես նախատինք եմ ստանում, և Դուք իրավացի եք, որովհետև ընդհանրապես չպետք է ներս թողած լինեի Ձեզ։ Ինչպես պարզվեց, կարիք էլ չկար։
― Կար։ Հիմա կտեսնեք,― ասաց Կ֊ն։― Կարելի՞ է Ձեր անկողնի մոտից հետ քաշել այս փոքր սեղանը։
― Ի՞նչ եք մտադիր անել,― առարկեք ֆրոյլայն Բյուրստները։― Իհարկե չի կարելի։
― Այդ դեպքում չեմ կարող ցույց տալ,― հուզված ասաց Կ֊ն, կարծես ֆրոյլայն Բյուրստները անչափ մեծ վնաս էր պատճառել նրան։
― Այո, եթե ցույց տալու համար է պետք, ապա զգուշությամբ քաշեք,― ասաց ֆրոյլայնը և, քիչ անց, ավելի թույլ ձայնով ավելացրեց։― Ես այնքան հոգնած եմ, որ պետք եղածից շատ ավելի եմ թույլ տալիս Ձեզ։
Կ֊ն սեղանը դրեց սենյակի կենտրոնում և նստեց հետևը։
― Դուք պետք է ճիշտ պատկերացում ունենաք գործող անձնաց մասին։ Դա շատ հետաքրքիր է։ Ես վերակացուն եմ, այնտեղ՝ ճամպրուկի վրա, նստած են երոկւ պահակները, լուսանկաների մոտ երեք երիտասարդներ են կանգնած, պատուհանի բռնակից (իմացեք պարզապես) սպիտակ վերնաշապիկ է կախ ընկած։ Դեհ, այժմ սկսվում է։ Հա, մոռացա ինձ։ Գլխավոր գործող անձը, այսինքն՝ ես, կանգնած եմ այստեղ, սեղանի դիմաց։ Վերակացուն շատ հարմար է տեղավորվել․ ոտքերն իրար վրա գցած, ձեռքն աթոռին։ Նմանը չունեցող մի հաստագլուխ։ Այժմ արդեն, իսկապես, սկսվում է։ Վերակացուն այնպես է բղավում, կարծես ինձ արթնացնել է պետք։ Նա իսկապես բղավում է։ Ես ուզում եմ, որ Դուք հստակ պատկերացնեք և, ցավոք, ստիպված եմ նույնպես բղավել։ Իմիջիայոլց, նա միայն իմ անունը տվեց։
Ծիծաղելով ականջ դնող ֆրոյլայն Բյուրստները ցուցամատը դրեց շուրթերին, ուզեց խանգարել Կ֊ի բղավելուն, սակայն արդեն ուշ էր․ Կ֊ն շատ էր կերպարի մեջ մտել։ Նա դանդաղ բղավեց․
― Յոզեֆ Կ․։
Պետք է ասել, որ նա ոչ այնքան բարձր բաղվեց, ինչպես սկզբում էր սպառնում, և որ կանչը, հանկարածկի արտաբերվելուց հետո միայն, թվաց, թե տարածվում է սենյակում։
Կողքի սենյակի դուռը կտրուկ, ուժգին, մի քանի անգամ թակեցին։ Ֆրոյլայն Բյուրստները գունատվեց, ձեռքը դրեց սրտին։ Այդ տեսնելով, Կ֊ն ավելի վախեցավ, որովհետև նա մի պահ դեռ անկարող էր առավոտվա դեպքերից և աղջկանից բացի՝ ում ներկայացնում էր կատարվածը, ուրիշ բանի մասին մտածել։ Հազիվ ուշքի եկած, նա նետվեց ֆրոյլայն Բյուրստների կողմը և վերցրեց նրա ձեռքը։
― Մի վախեցեք,― շշնջաց նա։― Ես ամեն ինչ կդասավորեմ։ Բայց ո՞վ կարող է լինել։ Այս կողմում, ախր, միայն հյուրասենյակն է, իսկ այնտեղ ոչ ոք չէր քնում։
― Ոչ,― Կ֊ի ականջին շշնջաց ֆրոյլայն Բյուրստները։― Երկվանից այնտեղ մի կապիտակ է քնում, ֆրաու Գրուբախի ազգականն է։ Այժմ արդեն ոչ մի ազատ սենյակ չկա։ Ես էլ իմ մոռացել։ Դուք այնպես բղավեցիք։ Ես ինձ շատ վատ եմ զգում։
― Իզուր,― ասաց Կ֊ն, և երբ ֆրոյլայն Բյուրստները նորից խոնարհվեց բարձին, համբուրեց նրա ճակատը։
― Հեռու, հեռու,― ասաց ֆրոյալյն Բյուրստներն ու շտապ ուղղվեց։― Գնացեք, գնացեք, ախր։ Ի՞նչ եք ուզում։ Նա դռան մոտ ականջ է դնում, լսում է ամեն ինչ։ Ինչպե՜ս եք տանջում ինձ։
― Մինչև փոքր֊ինչ չհանգստանաք, ես չեմ հեռանա։ Եկեք սենյակի մյուս անկյունը, այնտեղ նա չի կարող մեզ լսել։― Ֆրոյլայն Բյուրստները թույլ տվեց, որ Կ֊ն իրեն այն կողմ տանի։― Դուք չեք մտածում,― շարունակեց Կ֊ն,― որ խոսքը, թեպետ Ձեզ համար տհաճության մասին է, բայց ոչ վտանգի։ Դուք չգիտեք, թե ֆրաու Գրուբախը (թեև կապիտանը նրա ազգականն է, բայց պանսիոնատում նրան է պատկանում որևէ հարց լուծելու իրավունքը) ինչքան է հարգում ինձ, և ինչ ասում եմ, հավատում է։ Դրանիցբաից, նա ինձնից նաև կախում ունի․ մի մեծ գումար է պարտք։ Եթե համաձայն եք, ապա մեր մեկտեղ լինելու համար բացատրություն պահանջող նար ամեն մի հարցի պատասխանը ինձ վրա եմ վերցնում և երաշխավորում եմ ֆրաու Գրուբախին այն աստիճանի հասցնել, որ բացատրությանը, ոչ մի հասարակության մեջ, այլև իրականում, անկեղծորեն հավատա։ Միաժամանակ Դուք ոչ մի հարցում չպետք է խնայեք ինձ։ Ուզո՞ւմ եք, ասեք, թե հարձակվել եմ Ձեզ վրա։ Ֆրաու Գրուբախը, այդպես տեղեկացված լինելով հանդերձ, կհավատա, առանց իմ հանդեպ հավատը կորցնելու։ Այդքան որ կախում ունի ինձնից։
Ֆրոյլայն Բյուրստները լուռը և մի փոքր կծկված կանգնել, նայում էր դիմացը՝ հատակին։
― Ինչո՞ւ չպետք է ֆրաու Գրուբախը հավատա, որ հարձակվել եմ Ձեզ վրա,― ավելացրեց Կ֊ն։ Նա միայն ֆրոյլայն Բյուրստների մազերն էր տեսնում, երկու մասի բաժանված, փոքր ինչ գզգզված, ամուր կապված կարմրավուն մազերը։ Կ֊ն կարծում էր, թե ֆրոյալյնը հայացքն իր կողմը կդարձնի, սակայն նա՝ առանց դիրքը փոխելու, ասաց․
― Ներեցեք, ես հանկարածկի թակոցից վախեցա, և ոչ թե այն հետևանքից, որ կարող է բերել կապիտանի ներկայությունը։ Այնպես լուռ էր Ձեր բաավոցից հետո, և հանկարծ բախեցին։ Դա էր իմ այդպես վախենալու պատճառը։ Ես դռան կողքին էր կանգնած, համարյա իմ կողքին բախեցին։ Ձեր առաջարկների համար շնորհակալ եմ, սակայն չեմ ընդունում։ Այն ամենի համար, ինչ կատարվում է իմ սենյակում, կարող եմ անձամբ պատասխան տալ, թեկուզ ում էլ որ հարկավոր լինի։ Ես զարմանում եմ․ ինչպե՞ս չեք նկատում, թե լավ մտադրությունների հետ մեկտեղ՝ որոնք, իհարկե, ես ընդունում եմ, ինձ ուղղված ինչպիսի վիրավորանք կա Ձեր խոսքերում։ Սակայն գնացեք այժմ, մենակ թողեք ինձ։ Այս րոպեին դա ինձ ավելի անհրաժեշտ է, քան քիչ առաջ։ Մի քանի րոպեն, ինչի համար խնդրեցիք, արդեն կես ժամ է դարձել և ավելի շատ։
― Բայց Դուք չե՞ք զայրանում ինձ վրա։― Կ֊ն բռնեց նրա ձեռքը, հետո՝ դաստակը։
― Ո՛չ, ո՛չ,― պատասխանեց ֆրոյլայնը և կողքի տարավ ձեռքը։― Ես երբեք և ոչ ոքի վրա չեմ զայրանում։
Կ֊ն կրկին ձեռքն առավ նար դաստակը։ Ֆրոյլայն Բյուրստները համակերպվեց և այդպես Կ֊ին տարավ մինչև դուռը։ Կ֊ն հաստատ որոշել էր հեռանալ, սակայն դռան մոտ վարանեց մի պահ՝ կարծես չէր սպասում, թե այստեղ դուռ կտեսներ, իսկ ֆրոյլայն Բյուրստները ակնթարթն օգտագործեց ձեռքն ազատելու, դուռը բացելու, նախասենյակ դուրս սահելու և այնտեղից մեղմ ասելու համար․
― Դե եկեք, խնդրում եմ։ Տեսնո՞ւմ եք։― Նա ցույց տվեց կապիտանի դուռը, որի տակից լույս էր թափանցում։― Նա վառել է լույսը և մեր մասին է խոսում։
― Գալիս եմ,― ասաց Կ֊ն, առաջ վազեց, բռնեց նրան և վերջապես աղբյուր գտած, ջրի ձգողական ուժին հնազանդ, ծարաված գազանի նման համբուրեց նրա շուրթերը, հետո ամբողջ դեմքը, վերջում՝ պարանոցը և կոկորդի մոտ երկար պահեց շուրթերը։ Կապիտանի սենյակի աղմուկը ստիպեց նրան վեր նայել։
― Հիմա կգնամ,― ասաց նա և ուզեց ֆրոյլայն Բյուրստների անունը տալ, բայց չգիտեր այն։ Ֆրոյլայն Բյուրստները հոգնած գլխով արեց, կիսով չափ շրջված՝ համբույրի համար ձեռքը թողեց Կ֊ի ափի մեջ, այնպես, կարծես տեղյակ էլ չէր դրա գոյության մասին, և կռացած գնաց իր սենյակը։
Քիչ հետո Կ֊ն անկողին մտավ։ Նա շուտ քնեց, քնելուց առաջ դեռ մտածում էր իր արարքի մասին․ գոհ էր իրենից և զարմացավ, սակայն, որ էլ ավելի գոհ չէր։ Կապիտանի պատճառով նա լրջորեն մտահոգվեց ֆրոյլայն Բյուրստների մասին։
=Երկրորդ գլուխ=
==Առաջին հետաքննությունը==
Կ֊ին հեռախոսով տեղյակ պահեցին, որ հաջորդ կիրակի օրը նար գործով նախնական կարճատև քննություն է տեղի ունենալու։ Նրա ուշադրությունը հարվիրեցին այն բանի վրա, որ նախնական քննություններըը եթե ոչ ամեն շաբաթ, ապա, թերևս, ավելի հաճախ, կանոնավոր կերպով իրար կհաջորդեն։ Դատավարությունը արագ վերջացնելը ձեռնտու է բոլորին, մյուս կողմից, սակայն, նախնական քննությունները պետք է բոլոր տեսանկյուններից հիմնովին լինեն, և երբեք չպետք է դրանցով պայմանավորված ջանքերը պատճառ դառնան դատավարության շատ երկար տևելուն։ Այդ իսկ պատճառով դատական մարմինները հանգել են այն եզրակացությանը, որ ելքը շուտ֊շուտ իրար հաջորդող, բայց կարճատև քննություններն են։ Դրա համար կիրակի օրն են ընտրել, որ Կ֊ի հիմնական գործին չխանգարեն։ Նախօրոք ենթադրել են, որ նա ևս կհամաձայնի։ Եթե հանկարծ Կ֊ն ուրիշ օր ցանկանա, ապա հնարավորին չափ կընդառաջենն նրան։ քննություններն, օրինակ, հնարավոր է նաև գիշերներն անցկացնել, բայց այդ ժամերին Կ֊ն երևի բավական առույգ չլինի։ Համենայնդեպս, քանի դեռ Կ֊ն չի առարկում, դրանք տեղի կունենան կիրակի օրերին, ինքնին հասկանալի է, որ նա անպայման պետք է ներկայանա, այդ բանը նրան, ինչ խոսք, կարիք չկա հիշեցնել։ Հայտնեցին տան համարը, ուր նախնական քննություն էր կայանալու․ այն գտնվում էր հեռու, արվարձանային փողոցում։ Այդ կողմերում Կ֊ն դեռ չէր եղել։
Տեղեկությունն իմանալուց հետո Կ֊ն առանց պատասխանելու կախեց խոսափողը։ Նա անմիջապես վճռեց կիրակի օրը գնալ։ Գնալ, իհարկե, պետք էր։ Դատավարությունն ընթացք էր առնում, ինքը պետք է դեմն առներ․ այս առաջին քննությունը միաժամանակ նաև վերջինը կդառնար։ Կ֊ն դեռ մտախոհ կանգնած էր հեռախոսի մոտ, երբ թիկունքում լսեց տնօրենի տեղակալի ձայնը․ նա զանգել էր ուզում, մինչդեռ Կ֊ն փակել էր ճանապարհը։
― Վա՞տ լուրեր են։― Ոչ թե ինչ֊որ բան իմանալու, այլ հեռախոսի մոտ տեղն ազատելու համար հենց այնպես հարցրեց տնօրենի տեղակալը։
― Ոչ, ոչ։― Կ֊ն զիջեց տեղը, բայց չհեռացավ։
Տնօրենի տեղակալը վերցրեց խոսափողը և, մինչ սպասում էր, որ կմիացնեն, խոսափողի վրայով դիմեց Կ֊ին։
― Մի հարց, պարոն Կ․։ Չէի՞ք ցանկանա կիակի առավոտյան առագաստանավով համատեղ զբոսանքի հաճույքը պատճառել ինձ։ Ավելի մեծ հասարակություն է հավաքվելու, նրանց մեջ, իհարկե, նաև Ձեր ծանոթները կլինեն։ Ի դեպ, դատախազ Հաստերերը՝ նույնպես։ Կգա՞ք։ Ուրախ կլինենք Ձեր ներկայությունը։
Կ֊ն փորձեց ուշադրություն դարձնել տնօրենի տեղակալի խոսքերին։ Նրա համար այնքան էլ անկարևոր չէր հրավերը, որովհետև տնօրենի տեղակալի հետ նա երբեք հաշտ չէր եղել։ Այս հարվերը նրա կողմից հաշտվելու փորձ էր, ցույց էր տալիս, թե որքան կարևոր դեմք է դարձել Կ֊ն, և բանկի երկրորդ խոշոր պաշտոնյան որքան արժեքավոր է համարում նրա բարեկամությունը կամ, առնվազն, անկողմնակալությունը։ Թեկուզև հեռախոսային զրույցին սպասելու ժամանակ, խոսափողի վրայով ասված, այս հրավերն, այնուամենայնիվ, տնօրենի տեղակալի նվաստացումն էր, իսկ Կ֊ն ստիպված էր երկրորդ նվաստացումը հասցնել նրան։
― Շատ շնորհակալություն,― ասաց նա,― բայց, ցավոք, կիրակի օրը ժամանակ չունեմ, մի առիթով արդեն խոստացել եմ։
― Ափսոս,― ասաց տնօրենի տեղակալը և անդրադարձավ այդ պահին միացված հեռախոսազրույցին։ Կարճ խոսակցություն չէր, մինչդեռ Կ֊ն իր ցրվածությամբ ամբողջ ժամանակ մնաց ապարատի մոտ կանգնած։ Միայն, երբ տնօրենի տեղկալաը վերջացրեց, նա վախեցավ և, իր այդտեղ իզուր կանգնելը ներելի դարձնելու համար, ասաց․
― Նոր զանգահարեցին և ասացին, որ ինչ֊որ տեղ գնամ, բայց մոռացան ժամը հայտնել։
― Մի անգամ ևս զանգեք, հարցրեք։― Առաջարկեց տնօրենի տեղակալը։
― Այնքան էլ կարևոր չէ։― Ասաց Կ֊ն, թեև դրանով նրա՝ քիչ առաջ հայտնած, իր նշանակությամբ արդեն անբավարար ներողությունն ավելի արժեզրկվեց։
Նրանք միասին հեռացան ապարատի մոտից, տնօրենի տեղկալաը հեռանալու ժամանակ տարբեր բաների մասին էր խոսում։ Կ֊ն ինքնիրեն ստիպում էր պատասխանել, սակայն մեծ մասամբ մտածում էր, որ ավելի լավկլինի, եթե կիրակի օրը ժամը իննին գնա, քանի որ աշխատանքային օրերին դատարաններն այդ ժամին են սկսում իրենց աշխատանքը։
Կիրակի օրը եղանակը մռայլ էր, Կ֊ն շատ էր հոգնած․ մշտական սեղանակիցների հետ կերուխումի պատճառով մինչև ուշ գիշեր հյուրանոցում էր եղել և քիչ էր մնացել, որ քնով անցներ։ Անելիքների մասին լավ մտածելու, շաբաթվա ընթացքում կազմած ծրագրեը դասավորելու ժամանակ անգամ չկար։ Նա շտապ հագնվեց և առանց նախաճաշելու վազեցնշված արվարձանը։ Զարմանալին այն էր, որ թեև շուրջը նայելու քիչ ժամանակ ուներ, այնուամենայնիվ հանդիպեց իր գործին մասնակից երեք ծառայողներին՝ Ռաբենշտայներին, Կուլլիխին և Կամիներին։ Առաջին երկուսը էլեկտրաքարշի մեջ նստած հատեցին֊անցան Կ֊ի ճանապարհը, իսկ Կամիները նստել էր սրճարաններից մեկի դարատափում, և, պահը, երբ Կ֊ն անցավ, հետաքրքրված թեքվեց բազրիքի վրա։ Նրանք բոլորն էլ, հավանաբար, նայեցին իր հետևից և զարմացան, թե ինչպես էր վազում իրենց վերադասը։ Անհասկանալի մի կամակորություն Կ֊ին հետ պահեց մեքենա նստելուց։ Ամեն մի, թեկուզ աննշան, օտար օգնությունից նա զզվանք էր զգում, միաժամանակ չէր ուզում որևէ մեկին զբաղեցրած լինել և դրանով, հենց թեկուզ նվազագույնս, հաղորդակից դարձնել գործին։ Դրանից բացի բոլորովին ցանկություն չուներ չափից դուրս մեծ ճշտապահությամբ նվաստանալ քննչական հանձնաժողովի մոտ։ Ու թեև ներկայանալու ստույգ ժամը նշված չէր, այժմ նա միայն վազում էր, որ հնարավորության դեպքում ժամը իննին լիներ տեղում։ Նա կարծում էր, թե դեռ հեռվից որևէ առանձհանատուկ նշանի (հստակ չէր պատկերացնում, թե ինչ) կամ մուտքի մոտ խռնված բազմության շնորհիվ կճանաչի այդ տունը։ Սակայն Հուլիուսշտրասեն, ուր պետք է գտնվելիս լիներ տունը, և որի ծայրին Կ֊ն մի պահ կանգ առավ, երկու կողմերից համարյա միատեսակ, բարձր, գորշ, աղքատ մարդկանցով բնակեցված, վարձու տրվող տներով լի փողոց էր։ Այժմ՝ կիրակի առավոտյան, պատուհանների մեծ մասը զբաղեցված էր․ տղամարդիկ շապկանց կապվել էին դուրս, ծխում էին կամ փոքր երեխաներին էին զգույշ ու քնքշորեն պահել պատուհանների գոգերին։ Մնացած պատուհանները ծածկված էին սավաններով, նարնցից մեկի վերևից երևուևմ էր մի կնոջ մազախռիվ գլուծխը։ Նրբանցքի երկու կողմերից մադրիկ իրար ձայն էին տալիս, այդ կանչերը ազդում էին Կ֊ի վրա՝ բարձր ճիչ ու ծիծաղ էին թվում։ Երկար փողոցում կանոնավոր հեռավորությամբ շարված էին փոքր, նկուղային խանութները, որտեղից մթերք գնել կարելի էր միայն մի քանի աստիճան իջնելուց և ներս մտնելուց հետո։ Կանայք ներսուդուրս էին անում կամ մայթերին կանգնած զրուցում էին։ Մի մրգավաճառ, որ պատուհաններից դուրս կախվածներին իր ապրանքն էր առաջարկում, քիչ էր մնում սայլակով գետին գլորեր իրենից ոչ պակաս անուշադիր կանգնած Կ֊ին։ Պատուհաններից մեկից լսվում էր քաղաքի բարեկեցիկ արվարձաններում ձեռք բերված գրամոֆոնի ջղեր քայքայող նվագը։
Կ֊ն դանդաղ խորացավ նրբանցքի մեջ։ Կարծես այժմ արդեն ժամանակ ուներ կամ քննիչը պատուհաններից մեկից տեսնում էր իրեն և տեղյակ էր ուրեմն, որ ինքը ճիշտ ժամանակին է եկել։ Ժամը իննից մի քանի րոպե էր անցել։ Նշված տունը բավական հեռու էր ընկած և անսովոր կերպով ձգված էր․ հատկապես մուտքի դարպասն էր բարձր, լայն։ Դարպասը հաստատ նախատեսված էր ապրանքային տարբեր խանութների պատկանող, գործատների վերտառությունը կորղ (դրանցից մի քանիսին Կ֊ն բանկից էր ծանոթ) բեռնատար սայելրի համար, որոնք խցանել էին ընդարձակ բակը։ Հակառակ իր սովորության, այդ ամեն անկարևոր բաներով տարված, նա մի պահ մնաց մուտքի մոտ կանգնած։ Նրանցից քիչ հեռու, արկղի վրա ոտաբոբիկ մի մարդ էր նստած և թերթ էր կարդում։ Ձեռնասայլակի վրա երկու տղա էին ճոճվում, ջրի պոմպի մոտ, գիշերազգեստը հագին, մի վտիտ աղջիկ էր կանգնել և, մինչև ջուրը նրա ամանն էր լցվում, նայում էր Կ֊ին։