«Ագռավը»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ագռավը |հեղինակ = Էդգար Ալլան Պո |թարգմանիչ = Աբրահամ Ալիքյան |աղբյուր = «Գ...»:) |
(Տարբերություն չկա)
|
22:22, 23 Նոյեմբերի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Էդգար Ալլան Պո |
Մթակալած մի կես գիշեր սև ձանձրույթն ինձ խորքն էր քշել,
Մոռացության խորխորատում ինչե՞ր ասես չգտա,
Նիրհում էի աչքերս գոց, երբ լսեցի ծանոթ թակոց,
Մի շատ ծանոթ ու հին բախոց, բախում էին դուռն իմ տան,
«Տեսնես ո՞վ է», քրթմնջացի, «որ թակում է դուռն իմ տան։
Նա է եկել ֊ հյուրն իմ տան»։
Ա՛հ, հիշեցի հանկարծ մի պահ, դեկտեմբերն է սրսուռ ու պաղ,
Եվ մեռնում են նրանք լքված, ուրվականներն են նորից,
Սպասում եմ լուսայգը գա, զուր եմ սարսում, կյանքս վկա,
Հոգուս երկնում հույս իսկ չկա, կորցրել եմ Լենորին,
Մի աննման կույս էր չքնաղ, հրեշտակ էր Լենորն իմ ―
Անհայտ երազն էր իմ հին։
Վարագույրիս անգույն ու սև խշխշոցը մետաքսե տան,
Սարսուռ բերեց մի անորոշ, սոսկում դարձավ ու պատան,
Թեկուզ սիրտս զարկում է լուռ, ոնց մոռանամ թակոց ու դուռ,
«Ճամփորդ մարդ է, սիրտը մրմուռ, բացեմ դուռը իմ հին տան,
Շեմին կանգնած թախանձում է, բացեմ դուռը իմ հին տան,
Աստծո հյուրը թող ինձ տան»։
Երկյուղանքս վայրկյան տևեց, լուսակորով հոգիս թևեց,
«Պարոն լսիր, կամ թե տիկին, որ երախումն եք մթան,
Գիտե՞ք, այնպես մութ է բակում, դուք էլ այնպես մեղմ եք թակում,
Նվաղած եք, այնպե՞ս անքուն ու թակում եք դուռն իմ տան,
Ես հազիվ եմ ձայնը լսում». և բացում եմ դուռն իմ տան։
Դրսում խավարն է անտակ։
Մառ գիշերը մթակալած, ասես սիրտ էր սևահալած,
Կասկածեցի այս պատիրքին, մահվան ձայնին ահավոր,
Լռությունը ձգվում էր դեռ, լռությունն էլ դարձել էր նեռ,
Միակ բառն եմ լսում անմեռ, շշնջացին ինձ «Լենո՞ր»,
Ես ձայն տվիարձագանքվեց ու մրմնջաց ինձ «Լենո՞ր»,
Հին կարոտս` նորից նոր։
Վերադարձա տնակն իմ որբ, հոգիս հեղվեց կրակով բորբ,
Նորից եկավ ձայն թակոցի, էլ ավելի սաստկացած,
«Անշուշտ, մարդ կա պատուհանիս վանդակի մոտ, լռված ահից,
Գնամ տեսնեմ ո՞վ է գալիս, գաղտնիք է սա անկասկած,
Թող իմ սիրտը լռվի մի պահ, գաղտնիք է սա անկասկած,
Թե՞ քամին է, տե՛ր Աստված»։
Բաց արեցի փեղկը ուժով, հոգիս լցվեց մեգ ու մուժով,
Երբ ներս խուժեց ագռավ մի գորշ, այս սուրբ վայրկյանը թռավ,
Առանց ողջույն, առանց բարև, չար սոսկումը այս անարև
Առոք֊փառոք եկավ թառեց հենց վերևում իմ դռան,
Ուր կիսանդրին էր Պալլասի, հենց վերևում իմ դռան,
Թառեց, նստեց, կռկռաց։
Բայց ագռավն ինձ ինչո՞ւ ատեց, լույս երազս սևով պատեց,
Տես ինչ լուրջն է և անողոք, դիմակել է դեմքը պինդ,
«Ասպետ, ո՞վ է փունջդ խուզել, վախկոտ չես դու, ի՛նչն է հուզել,
Եկել ու իմ դուռն ես հասել այս գիշերվա մութ ափին,
Դե՛, անունդ բաշխիր, տեր իմ, Պլուտոնի մութ ափին»։
Ագռավն ասաց. «ոչ մեկին»։
Տեսեք հայացքն ուր է հառել, կռկռում է ծանոթ բառեր,
Պատասխաններն իմաստ ունեն, ի՞նչ էլ պատշաճ են նրան,
Չես էլ կարող անտես անել, երբ փորձում է հոգիդ հանել,
Բայց ուզում եմ մուտքդ օրհնել, թռչուն, որ հյուրն ես իմ տան,
Գազան, թռչուն, որ թառել ես հին կիսանդրուն, հյուրն ես տան,
Եվ անունդ` Կռկռան։
Բայց ագռավն է նստել մենակ, կիսանդրին է ճանկերի տակ,
Կռկռում է ինչ֊ որ բառեր, ինչ֊որ բառեր չարակամ,
Չի կռնչում ուրիշ ոչինչ, չի թրթռում փետուր չնչին,
Մինչ ես հազիվ քրթմնջացի. «ընկերներս էլ չկան,
Մի քիչ հետո դու չես լինի, ինչպես Հույսս էլ չկա»։
Ագռավը թե` «թող չգան»։
Վախենում եմ, պահն է գիշեր, մի քիչ հարմար բան եմ հիշել,
«Անկասկած է, թռչունն այս սև ղառղառ երգեր էգրում,
Մի անշնորհք վարպետ էժան, դժբախտության բոթ է դաժան,
Որ մերթ չար է ու մերթ գուժկան, տեսեք, իր խաչն է կրում,
Ասես հույսի թափորն է լուռ, տխուր իր խաչն է կրում»,
Ագռավը թե` «չի կռռում»։
Բայց ագռավն ինձ ինչո՞ւ ատեց, խեղճ երազս սևով պատեց,
Պտտվում եմ բարձիս վրա, շուրջբոլորս խաղն է հին,
Հոգիս գերված մութ գիշերին, պատրանքներս` թարմ հուշերին,
Ի՞նչ թռչուն է անհիշելի, ի՞նչ գազան է վաղեմի,
Ի՞նչ սոսկալի ու այլակերպ մի գազան է վաղեմի,
Կռնչում է`«խաղ է մի»։
Օ`, դու պատիժ սին խավարի, ոչ մի հնչյուն մարդավարի,
Դու հավք չես չար, բոց աչքերով փորփրում ես մութ հորեր,
Մարգարե եմ զուր ձևանում, հոգուս երկինքն է սևանում,
Վարագույրը սուգ է անում, լույսն է խժռում դիվորեն,
Բայց ո՞ւմ տանն է լույսը լամպի այսպես խժռում դիվորեն
Եվ ճնշում է ինձ նորեն։
Խտանում է օդը ասես, լուռ ծխում է բուրվառն անտես`
Հրեշտակն է ճոճում հանդարտ, քայլքը լսվում է նորից,
«Թշվառական, ելիր տեղից, քեզ Աստված է ուղարկել ինձ,
Բալասանիր, բեր ինձ, բեր ինձ հիշատակը Լենորի,
Թող մոռանամ, թող մոռանամ մեծ կորուստը Լենորի»,
Ագռավը թե` «չեմ բերի»։
«Գուշակ, լսիր, դևի ծնունդ, սատանան է միտքդ սնում,
Գայթակղիչ ոգի՞ն ես դու, փոթորի՞կն ես անսասան,
Ի՞նչ ես խուժել այս հմայիչ կախարդանքի ափն ամայի,
Եկել դարձել ես հմայիլ, աղաչում եմ ճիշտն ասա,
Ագավը թե` «ճիշտն է սա»։
«Գուշակ, լսիր, դևի ծնունդ, սատանան է միտքդ սնում,
Մեզ հովանի երկնին Աստծո աղոթում ենք ամեն օր,
Պատմիր թախծոտ կույսի մասին, լույս դրախտի վսեմ հարսի,
Հրեշտակիս ձայնին հասիր, այդ սուրբ անունն է Լենոր,
Աղջիկ էր նա լուսածնունդ, այդ սուրբ անունն է Լենոր»,
Ագռավը թե` «հողն է նոր»։
Սարսափելի նշան է սա, հրաժեշտի խոսքդ ասա,
Գնա եկած քո հին ճամփով, Պլուտոնի սին ոգի,
Սև փետուրդ ինձ չթողնես, քո սին ոգու վկան որպես,
Ինձ հոգսերով չողողես, արձանն այդ պաղ շուտ լքիր։
Կեռ կտուցդ իմ պաղ կրծքից հանիր շուտով ու լքիր,
Դու ինձ ի՞նչ հյուր, ի՞նչ ընկեր։
Բայց ագռավն է նայում սևեռ, էլ չի թռչում, նստած է դեռ
Սեգ Պալլասի կիսարձանին, նույն սև շորերն է հագին,
Տեսիլներ են աչքերն ամպոտ, չար դևեր են դեռ երազկոտ,
Եվ լամպարիս լույսը աղոտ դեռ հոսում է հատակին,
Եվ հոգիս էլ ստվեր դարձած դեռ լողում է հատակին»,
Կբարձրանա՞, «ոչ կարգին»։