Changes
Անձրևը կյանք բերեց հնդիկների երկրին։ Կենդանիները դուրս թափվեցին հողի ընդերքից, ուր բանտարկվել էր նրանց Մեծ Քունը։ Ջուրը, որ ցած էր թափվում երկնքից, փոս էր առաջացրել երկրի վրա, բոլոր մագլցելով հազիվ դուրս եկան այնտեղից։
Այժմ թվում էր, թե նրանք կապրեն խաղաղ ու երջանիկ։ Նրանք որսավայրերը բաժանեցին իրար մեջ մեծհարթավայրերից սկսած՝ լեռների ու ձորերի վրայով, մինչև ճանապարհը, որ տանում էր դեպի ձյունե երկիր և սկսեցին կառուցել իրենց սեփական տները։
Բայց մի բան դեռ պակասում էր աշխարհում, մի բան, որ ոչ ոք դեռ չէր տեսել։ Այդ լույսն էր։ Ոգիները փախցրել էին լույսը Մեծ Քնի ժամանակ, այդ պատճառով էլ ամբողջ աշխարհը մնացել էր մթության մեջ։
Բարեբախտաբար սպիտակ ամպի մի փոքրիկ կտոր դեռևս մնացել էր երկնքում։ Նա այնքան էր հոգնել մեծ կռվիեց հետո, որ հազիվ էր շարժվում։ Սպիտակ ամպը կանեչց իր ընկներին՝ կապույտ և դեղին ամպերին։
ԿԱպույտ ամն ապրում էր հեռու, աշխարհի հարավային ծայրին, իսկ դեղինը՝ գտնվում էր արևմուտքում։ Նրանք երկուսով արթնացան և շտապեցին դեպի սպիտակ ամպը, այնքան արագ, որքան քամին կարող էր տանել նրանց։
― Աշխարհն արթնացավ Մեծ Քնից,― բացատրեց սպիտակ ամպը, ողջունելով նրանց։― Այժմ հարկավոր է լույս, այդ էր պատճառը, որ ձեզ օգնության եմ կանչել, եկեք լուսավորենք հնդիկների երկիրը։
― Օ՜, բայց մենք շուտ կհոգնենք,― բողոքեց կապույտ ամպը։
― Չեմ կարծում, թե ես կարող եմ մի տեղում երկար ժամանակ դիմանալ,― ավելացրեց դեղին ամպը։
― Մի՛ անհանգստացեք, մեր լույսը շատ թույլ է և հազիվ թե որևէ մեկին բավարարի։ Շուտով մենք ինչքան ուզենանք, կթափառենք երկնքով։
Նրա ընկերներն այլևս չդժգոհեցին։ Ցած իջնելով, որքան հնարավոր էր, իրենց գունավոր լույսերը գցեցին երկրի վրա։ Մի փոքրիկ լույս երևաց աշխարհում, իսկ կենդանիները հասկացան, որ իրենց առջև դժվար խնդիր է դրված՝ բերել իսկական լույսը։
==Ո՞վ է բերել արևը==
Հին օրերին, ինչպես մենք տեսանք, երկնակամարում ո՛չ Արևն էր փայլում, ո՛չ էլ Լուսինը։ Ոչ ոքի չէր հաջողվում մի բան անել մթության պատճառով, միայն բուն էր ընդունակ իր ճանապարհը լուսավորելու սեփական աչքերով։
Կոյոտը քանի գնում հյուծվում էր։ Թեև ամեն օր որս էր փնտրում, բայց երբեք նրան չէր հաջողվում նապաստակ բռնել։ Ստիպված յոլա էր գնում պատահաբար հանդիպած ճպուռով և մի փոքր հագեցնում էր իր քաղցը։ Հետո հուսալքված նստում էր իր որջի առաջ և սովալլուկ աչքերով շուրջն էր նայում։
Հանկարծ նրա ականջին հասավ հզոր թևերի շփշփոցը։ Արծիվն էր գալիս նրան տեսության։
Կոյոտը խոնարհվեց նրան և ասաց․
― Օ՜, ինչ անսպասելի պատիվ։ Բարի գալուստ, եղբայրս։ Ինչպես կուզեի հյուրասիրել ձեզ, բայց ափսո՜ս ոչինչ չունեմ, բացի կրծած ոսկորներից։ Ես ուղղակի սովամահեմ լինում, քայլել չեմ կարողանում այլևս, իսկ դուք լավ եք երևում։ Շատ կցանկանայի ձեզ հետ որսի գնալ։
Արծիվը ոտքից գլուխ չափեց կոյոտին ու մտածեց․
― Իսկական խրտվիլակի է նման, միայն կաշին է ու ոսկորները։― Եվ բարձրաձայն ասաց,― այո, մենք կարող ենք միասին աշխատել, բայց դու պետք է օգնես ինձ։
― Իհարկե, ինչպես հրամայեք,― գոչեց կոյոտը և գրկելով արծիվին իր նիհար թաթերով, ուրախությունից համարյա խեղեց նրան։
Հաջորդ օրը երկուսով միասին դուրս եկան որսի։ Արծիվը սավառնում էր բարձր երկնքով, հենց նկատում էր որսը իսկույն գլխիվայր ցած էր խոյանում։ Կոյոտը ոչինչ էլ չէր որսում, չէր էլ օգնում։ Նա բավարարվում էր արծվի ձեռք բերած ավարտը կիսելով։
― Ես քեզ նման անարժան օգնականի կարիք չեմ զգում,― մի օր բարկացավ արծիվը,― դու նույնիսկ նեղություն չես կրում ոսկորները թաղելու, թողնում ես գետնին թափած։
― Ի՞նչ կարող եմ անել, այնպես մութ է, որ նույնիսկ քթիս ծայրը չեմ տեսնում,― ասաց կոյոտը,― մեզ լույս է պետք։
― Դու ճիշտ ես,― համաձայնեց արծիվը,― լսել եմ, որ հեռու արևմուտքում երկու մեծ լույս կա պահված, մեկը կոչվում է Արև, իսկ մյուսը՝ Լուսին։ Եկ այնտեղ, ես համոզված եմ, որ կգտնենք նրանց։
Շատ չանցած երկուսով ճանապարհ ընկան։ Նրանք քայլում էին, քայլում (ավելի ճիշտ կոյոտը, որովհետև արծիվը թռչում էր), մինչև որ հասան մի ընդարձակ գետի։ Արծիվը թափահարեց թևերը և իջավ հակառակ ափին։ Կոյոտը շվարած կանգնած մնաց պղտոր ջրի ափին և կարծես թե պատրաստվում էր ջրի մեջ թռչել։ Այդպես էլ արեց։ Կոյոտի գլուխը վեր ու վար էր լինում, աչքերը դուրս էին պրծել, նա աշխատում էր չորս թափերով լողալ։
Հենց որ կոյոտը իր ոտքի տակ ցամաք զգաց, զայրացած գոչեց․
― Ես համարյա թե խեղդվում էի, իսկ դու հանգիստ նստել ես։ Ինչո՞ւ ինձ էլ չանցկացրիր ջուրը։
― Ինչո՞ւ ինձ նման դու էլ փետրավոր չես, որ թռչեիր ու անցնեիր ջուրը,― և արծիվը գոհունակությամբ թափահարեց թևերը։
― Ապո՛ւշ,― փրփրեց կոյոտը բարկությունից,― հետաքրքիր է, թե դու ի՞նչ կանեիր, եթե իմ փոխարեն լինեիր։
Բայց իսկույն զգաց, որ խելացի չի գտնվի, եթե արծվին բարկացնի․ վրեջ տվեց բողոքներին և նորից շարունակեցին ճանապարհը։
Երկիրն սկսեց աստիճանաբար փոխվել նրանց շուրջը, ամայի բլուրների ու ժայռերի ուրվագծերը ավելի ու ավելի որոշակի դարձան։ Նրանք մոտենում էին լույսին։ Արծիվն սկսեց ավելի ու ավեիլ ցածր թռչել։ Կոյոտը վազեց բարձրացավ մի բլրակի վրա, որտեղից նրան չէին նկատի և տեսավ, որ ներքևում, անտառի մեծ բացատում, բազմաթիվ տարօրինակ էակներ են թռչկոտում, երգում ու պարում։ Նրանք ներկված էին այնքան գարշելիորեն, որ կոյոտի մազերը սարսափից բիզ֊բիզ կանգնեցին։
― Կամաց,― զգուշացրեց արծիվը, որ իջել կանգնել էր կոյոտի կողքին,― սրանք չար ոգիներ են։
― Կարո՞ղ է պատահի, որ վնասեն մեզ,― կակազեց կոյոտը սարսափից։
― Վախենալու կարիք չկա, նրանք չգիտեն, որ մենք այստեղ ենք։ Տեսնո՞ւմ ես այն երկու արկղը,― արծիվը ցույց տվեց մեջտեղը, որտեղից ոսկեփայլ լույսի մի շողք էր դուրս ելնում։
― Այդ ի՞նչ է,― հարցրեց կոյոտը։
― Մի արկղում Արևն է պահված, իսկ մյուսում՝ Լուսինը,― բացատրեց արծիվը։
― Դու իսկապես համոզված ես, որ մեզ կհաջողվի․․․
― Մենք պետք է սպասենք, մինչև որ չար ոգիները քնելու գնան, միայն թե դողալուդ վերջ տուր։