― Այն․․․ Անգլիական չթով պաստառված․․․
― Ա՛խ, իմ տա՞նը։
― Այո, Ստարգրորոդում․․․
― Հիշում եմ, շատ լավ եմ հիշում․․․ Բազմոց, մի դյուժին աթոռ և վեցոտնանի կլոր սեղան։ Հիանալի կահույք էր, հաբսյան․․․ Իսկ ինչո՞ւ հիշեցիք։
Բայց Կլավդիա Իվանովնան չկարողացավ պատասխանել։ Նրա դեմքը կամաց֊կամաց սկսեց ծածկվել արջասպի գույնով։ Չգիտես ինչու շնչասպառ էր լինում և Իպոլիտ Մատվեևիչը։ Նա որոշակիորեն հիշեց իր առանձնատան հյուրասենյակը, համաչափ դասավորված ճկած ոտքերով կաղնե կահույքը, մեղրամոմով հարած հատակը, սրճագույն հնօրյա դաշնամուրը և պատերից կախված սև շրջանակները՝ բարձրաստիճան ազգականների դագերոտիպ նկարներով։
Այդ պահին Կլավդիա Իվանովնան փայտե, անտարբեր ձայնով ասաց․
― Աթոռի նստատեղում ես կարել եմ իմ ադամանդները։
Իպոլիտ Մատվեևիչը խեթ֊խեթ նայեց պառավին։
― Ի՞նչ ադամանդ,― հարցրեց նա մեքենայորեն, բայց իսկույն էլ գլխի ընկավ։― Մի՞թե դրանք չէին վերցրել այն ժամանակ, խուզարկելիս։
― Ես ադամանդները թաքցրել էի աթոռի մեջ,― համառորեն կրկնեց պառավը։
Իպոլիտ Մատվեևիչը վեր ցատկեց և, նայելով Կլավդիա Իվանովնային նավթի լամպով լուսավորված դեմքին, հասկացավ, որ նա չի զառանցում։
― Ձեր ադամանդնե՞րը,― բղավեց նա, վախենալով իր ձայնի ուժգնությունից։― Աթոռի մե՞ջ։ Ո՞վ ձեզ սովորեցրեց, ինչո՞ւ ինձ չտվեցիք։
― Ինչպե՞ս կարող էի ձեզ ադամանդ տալ, երբ դուք քամուն էին տվել իմ աղջկա կալվածքը,― հանգիստ և չարությամբ ասաց պառավը։
Իպոլիտ Մատվեևիչը նստեց և անմիջապես նորից վեր կացավ։ Նրա սիրտը աղմուկով արյան հոսանքներ էր մղում ամբողջ մարմնով մեկ։ Գլուխը սկսել էր դժժալ։
― Բայց դուք հանեցի՞ք դրանք։ Հիմա այնտե՞ղ են։
Պառավը բացասական գլուխն օրորեց։
― Չհասցրի։ Հիշո՞ւմ եք, ինչ արագությամբ և անսպասելիորեն ստիպված եղանք փախչել։ Նրանք մնացին այն աթոռի մեջ, որ դրված էր տերեկոտե լամպի և բուխարիկի արանքում։
― Բայց չէ՞ որ դա խելագարություն է։ Ինչպե՜ս նման եք դուք ձեր աղջկան,― բղավեց Իպոլիտ Մատվեևիչը լիաթոք։
Եվ արդեն չքաշվելով այն բանից, որ գտնվում է մեռնողի մահիճի մոտ, դղրդոցով մի կողմ հրեց աթոռը և սկսեց անցուդարձ անել սենյակում։ Պառավը անտարբեր հետևում էր Իպոլիտ Մատվեևիչի գործողություններին։
― Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ուր կարող են ընկած լինել այդ աթոռները։ Թե՞ կարծում եք, մի գուցե հլու֊հնազանդ դրված են իմ տան հյուրասենյակում և պսասում են, որ գնանք և վերցնե՞նք ձեր ռեգալիաները։
Պառավը ոչինչ չպատասխանեց։
Զագսի գործավարի քթից պենսնեն կատաղությունից վայր ընկավ և,ոսկյա աղեղով առկայծելով ծնկների մոտ, շրխկաց հատակին։
― Ինչպե՞ս։ Աթոռի մեջ ճխտել յոթանասուն հազարի ադամանդ։ Աթոռի՜, որի վրա հայտնի չէ, թե ով է նստում։
Այդ պահին Կլավդիա Իվանովնան հեծկլտաց և ամբողջ մարմնով ընկավ մահճակալի եզրին։ Նրա ձեռքը, կիսաշրջան գծելով, փորձեց բռնել Իպոլիտ Մատվեևիչին, բայց իսկույն ընկավ մգդական մանուշակագույն վերմակի վրա։
Իպոլիտ Մատվեևիչը, վախից ծվծվալով, նետվեց դեպի հարևանուհին։
― Մեռնո՜ւմ է կարծես։
Գյուղատնտեսի կինը բանիմացորեն խաչակնքվեց և, հետաքրքրությունը չթաքցնելով, ամուսնուն՝ մորքուավոր գյուղատնտեսի հետ միասին վազեց Իպոլիտ Մատվեևիչի տունը։ Ինքը՝ Վորոբյանինովը շշմած վազեց քաղաքային այգի։
Մինչև գյուղատնտեսների զույգը իրենց սպասավորով կարգի կբերեին հանգուցյալի սենյակը, Իպոլիտ Մատվեևիչը թափառում էր այգում, նստարաններին դիպչելով և վաղ գարնան սիրուց փետացած զույգերին թփերի տեղ դնելով։
Իպոլիտ Մատվեևիչի գլխում սատանան գիտե, թե ինչեր էին տեղի ունենում։ Հնչում էին գնչուական երգչախմբերը, լայնակուրծք կանանց նվագախմբերը անընդհատ կատարում էին «տանգո֊ամապա», նրան պատկանում էր մոսկովյան ձմեռը և հետիոտների վրա արհամարհանքով փնչացնող սեվաթույր նժույգը։ Շատ բան էր պատկերանում Իպոլիտ Մատվեևիչին․ և՛ խիստ թանկարժեք նարնջագույն վարտիկները, և՛ լաքեյական նվիրվածությունը, և՛ հնարավոր մեկնում Կանն։
Իպոլիտ Մատվեևիչը սկսեց դանդաղ քայլել և հանկարծ դեմ առավ դագաղագործ վարպետ Բեզենչուկի մարմնին։ Վարպետը մուշտակի մեջ փաթաթված քնել էր ծառուղու լայնքով։ Հարվածից նա արթնացավ, փռշտաց և աշխույժ վեր կացավ։
― Մի բարեհաճեք անհանգստանալ, պարոն Վորոբյանինով,― ասաց նա տաք֊տաք, ասես շարունակում էր քիչ առաջ սկսած խոսակցությունը։― Դագաղ ասածդ աշխատանք է սիրում։
― Մեռավ Կլավդիա Իվանովնան,― հաղորդեց պատվիրատուն։
― Է՜հ, երկնային արքայություն նրան,― համաձայնեց Բեզենչուկը։― Վախճանվեց, ուրեմն, պառավը․․․ Պառավները միշտ էլ վախճանվում են․․․ Կամ հոգին տալիս են աստծուն՝ նայած թե ինչ պառավ է։ Ձերն, օրինակ, փոքր էր ու ջանով, նշանակում է, վախճանվել է։ Իսկ, օրինակի համար, ովքեր խոշոր են ու լղար, ընդունված է ասել, որ նրանք հոգին տալիս են աստծուն։
― Այսինքն, ինչպես թե ընդունված է։ Ո՞ւմ մոտ է ընդունված։
― Հենց մեզ մոտ էլ ընդունված է։ Վարպետներիս մոտ։ Այ դուք, օրինակի համար, տեսքով տղամարդ եք, բարձահասակ, թեև լղար։ Թե բան է, աստված ոչ անի, մեռաք, ընդունված է ասել, որ դագաղի բաժին դառանք։ Իսկ էն մարդը, որ առևտրական է, նախկին վաճառականների գիլդիից, նա, նշանակում է, կյանքը քեզ բաշխեց։ Իսկ ով աստիճանով մի քիչ պակաս է, օրինակի համար դռնապանի կամ գյուղացու մեկը, նրա մասին ասում են՝ քոչել է կամ ոտքերը ձգել է։ Բայց երբ մեռնում են ամենազոռբաները, երկաթուղային կոնդուկտորները կամ պետերից մեկնումեկը, ապա ընդունված է ասել, որ գյոռբագոռ է եղել։ Նրանց մասին հենց էդպես էլ ասում են․ «Բա լսե՞լ ես, էն մերը գյոռբագոռ է եղել»։
Մարդկային մահերի այդ տարօրինակ դասակարգումից ցնցված, Իպոլիտ Մատվեևիչը հարցրեց․
― Իսկ եթե դո՛ւ մեռնելու լինես, քո մասին ի՞նչ կասեն վարպետները։
― Ես փոքր մարդ եմ։ Կասեն «փիծել է Բեզենչուկը»։ Էլ ուրիշ ոչինչ չեն ասի։
Ու խստորեն ավելացրեց․
― Ինձ անհնարին է գյոռբագոռ կամ դագաղի բաժին լինել․ մանրեմնրիկ կազմվածք ունեմ ես․․․ Բա դագաղի բանը ո՞նց է լինելու, պարոն Վորոբյանինով։ Մի՞թե առանց ծոպերի ու գլազետի դագաղ եք գնելու։
Բայց Իպոլիտ Մատվեևիչը նորից խորասուզվեց շլացուցիչ երազանքների մեջ, ոչինչ չպատասխանեց և առաջ շարժվեց։ Բեզենչուկը հետևեց նրան, մատների վրա ինչ֊որ բան հաշվելով և ըստ սովորության փնթփնթալով։
Լուսինը վաղուց չքացել էր։ Ձմեռվա պես ցուրտ էր։ Ջրափոսերը նորից պատել էին փխրուն վաֆլանման սառույցով։ Ընկեր Գուբերնսկու անվան փողոցում, ուր դուրս եկան ուղեկիցները, քամին կռիվ էր բռնվել ցուցանակների հետ։ Ստրոպանյան հրապարակի կողմից, իջնող վարագույրի ձայներ հանելով, դուրս պրծավ հրշեջ գումակը՝ նիհար ձիեր լծած։
Հրշեջները, պարուսինե ոտքերը հարփակից կախած, թափահարում էին սաղավարտավոր գլուխները և դիտավորյալ զզվելի ձայներով երգում էին․
<br> Մեր հրշեջ պետին փա՜ռք․․․
<br> Մեր թանկագին ընկեր Նասոսովին փա՜ռք․․․
― Քեֆ են արել Կոլկայի, հրշեջ խմբի պետի տղայի հարսանիքն,― անտարբեր ասաց Բեզենչուկը և մուշտակի տակ քերց կուրծքը։― Բա մի՞թե առանց գլազետի և առանց որևէ բանի է լինելու։
Հենց այդ պահին Իպոլիտ Մատվեևիչը արդեն ամեն ինչ որոշել էր։ «Կգնամ,― որոշել էր նա,― կգտնեմ։ Իսկ հետո կտեսնենք»։ Եվ ադամանդյա երազանքներում հանգուցյալ զոքանչն անգամ շատ ավելի սիրելի թվաց, քան էր։ Նա դարձավ Բեզենչուկին։
― Սատանա՛ն քեզ հետ։ Արա՛։ Գլազետե՛։ Ծոպերո՛վ։
==Մեղավորի հայելին==
Ֆրոլ և Լավը եկեղեցու քահանա տեր Ֆյոդոր Վոստրիկովը, մեռնող Կլավդիա Իվանովնային խոստովանեցնելուց հետո, դուրս եկավ Վորոբյանինովի տնից կատարյալ աժիոտաժի մեջ և մինչև տուն հասնելը ողջ ճանապարհն անցավ ցրված նայելով շուրջը և շփոթված ժպտալով։ Ճանապարհի վերջին նրա ցրվածությունը հասաց այն աստիճանի, որ քիչ մնաց ընկներ գավգործկոմի Պետ․ N1 ավտոմեքենայի տակ։ Դուրս գալով դժոխքի մեքենայի բաց թողած մանուշակագույն մշուշի միջից, հայր Վոստրիակովը կատարելապես վրդովվեց և, չնայած պատկառելի աստիճանին ու միջին տարիքին, մնացած ճանապարհն անցավ անպարկեշտ կիսաարշավով։
Տիրուհի Կատերինա Ալեքսանդրովնան ընթրիքի սեղան էր գցում։ Տեր Ֆյոդորը երեկոյան ժամասացությունից ազատ օրերին սիրում էր վաղ ընթրել։ Բայց հիմա, հանելով շլյապան և բամբակած տաք փարաջան, տերհայրն արագ անցավ ննջարան, ի զարմանս տիրուհու փակվեց այնտեղ և խուլ ձայոնվ սկսեց երգել «Հարժանի․․․»։
Տիրուհին նստեց աթոռին և երկյուղածությամբ շշնջաց․
― Նոր գործ է սկսել․․․
Տեր Ֆյոդորի պոռթկուն հոգին հանգիստ չուներ։ Երբեք նա չէր իմացել, թե ինչ բան է հանգիստը։ Ո՛չ այն օրերին, երբ նա հոգևոր ուսումնարանի սան Ֆեդյա էր, ո՛չ էլ այն ժամանակ, երբ նա բեղավոր սեմինարիստ Ֆյոդոր Իվանովիչ էր։ Սեմինարիայից համալսարան անցնելուց և երեք տարի իրավաբանական ֆակուլտետում սովորելուց հետ Վոստրիակովը 1915 թվականին վախեցավ հնարավոր մոբիլիզացիայից և նորից գնաց հոգևոր գծով։ Սկզբում ձեռնադրվեց սարկավագ, իսկ հետո օծվեց քահանա և նշանակվեց գավառական N քաղաքը։ Եվ միշտ, հոգևոր և քաղաքացիական կարիերայի բոլոր փուլերում, տեր Ֆյոդորը մնում էր շահասեր մարդ։
Հայր Վոստրիկովը երազում էր սեփական մոմի գործարան ունենալ։ Մեցրամոմո հաստ պարաններ փաթաթող գործարանային մեծ թմբկագլանների տեսիլներից հալումաշ եղած տեր Ֆյոդորը հնարում էր զանազան նախագծեր, որոնց իրագործումով նա պետք է ձեռք բերեր հիմնական և շրջանառու կապիտալ՝ Սամարայում վաղուց ի վեր աչք դրած գործարանը գնելու համար։
Մտքերը տեր Ֆյոդորի գլխում ծագում էին անսպասելի կերպով, և նա իսկույն անցնում էր գործի։ Տեր Ֆյոդորն սկսում էր լվացքի մարմարյա սապոն եփել․ փթերով պատրաստում էր, բայց սապոնը, թեև իր մեջ մեծ քանակությամբ ճարպ էր պարունակում, չէր սապնում և բացի այդ եռապատիկ թանկ արժեր, քան «Գութան և մուրճ» կոոպերատիվինը։ Հետո սապոնը խոնավանում էր նապխասրահում և քայքայվում, այնպես որ Կատերինա Ալեքսանդրովնան կողքով անցնելիս նույնիսկ լաց էր լինում։ Իսկ հետո սապոնը նետում էին աղբահորը։
Անասնապահական ինչ֊որ ժուռնալում կարդալով, որ ճագարի միստը ճտի պես քնքուշ և համեղ է, որ նարքն բազմանում են մեծ քանակությամբ և որ նրանց բուծումը կարող է մեծ օգուտներ բերել փութեռանդ տիրոջը, տեր Ֆյոդորը անմիջապես մի կես դյուժին մայր ճագարներ ձեռք բերեց․ և ադրեն երկու ամիս հետո Նեռկա շունը, բակն ու տունը լցված ականջավոր էակների անհավատալի քանակությունից վախեցած, փախավ անհայտ ուղղությամբ։ N քաղաքի նզովյալ բնակիչները խիստ պահպանողական դուրս եկան և բացառիկ միահամուռությամբ չէին գնում Վոստրիկովի ճագարները։ Այդ ժամանակ տեր Ֆյոդորը, իրիցկնկա հետ խորհրդակցելուց հետո, որոշեց իր մենյուն զարդարել ճագարներով, որոնց միսը իմ համով գերազանցում է ճտի մսին։ Ճագարներից պատրաստում էին տապակած, բիտկի, կոտլետ։ Ճագարներին եփում էին սուպի մեջ, սառը վիճակում մատուցում էին ընթրիքին և խորովում խմորի մեջ։ Դա ոչ մի արդյունք չտվեց։ Տեր Ֆյոդորը հաշվեց, որ բացառապես ճագարային օրապարենի անցնելու դեպքում ընտանիքը կարող է մի ամսվա ընթացքում ուտել քառասունից ոչ ավելի ճագար, մինչդեռ ամսական աճը կազմում է իննսուն ճագար, ընդ որում այդ թիվը ամսեամիս ավելանալու էր երկրաչափական պրոգրեսիայով։
Այն ժամանակ Վոստրիկովները որոշեցին տնական ճաշեր տալ։ Տեր Ֆյոդորը ամբողջ երեկոն խնամքով կտրտված թվաբանական թղթերի վրա քիմիական մատիտով հայտարաւոթյուն էր գրում՝ տնական համեղ ճաշտր տալու մասին, որոնք պատրաստվում էին բացառապես կովի յուղով։ Հայտարարությունը սկսվում էր «Էժան և համեղ» խոսքերով։ Իրիցկինը էմալե ամանը լիքը լցրեց ալյուրի խուսով, և տեր Ֆյոդորը ուշ իրիկնաժամին հայտարարությունը փակցրեց բոլոր հեռագրասյուներին և սովետական հիմարկների մոտերքը։
Նոր ձեռնարկը մեծ հաջողություն ունեցավ։ Հենց առաջին օրը ներկայացան յոթ հոգի, այդ թվում զինկոմիսարիատի գործավար Բենդինը և բարեկարգման ենթաբաժնի վարիչ Կոզլովը, որի ջանքերով վերջերս քանդվել էր քաղաքի միակ հնության հուշարձանը՝ ելիզավետինյան ժամանակների Հաղթական կամարը, որն, իր ասելով, խանգարում էր փողոցային շարժմանը։ Նրանց բոլորին էլ ճաշը շատ դուր եկավ։ Հետևյալ օրը ներկայացան տասնչորս հոգի։ Չէին հասցնում ճագարներին քերթել։ Մի ամբողջ շաբաթ գործը հիանալի էր գնում, և տեր Ֆյոդորն արդեն ծրագրում էր մուշտակագործության մի փոքրիկ, առանց մոտորի արտադրություն բացելու մասին, երբ տեղի ունեցավ բոլորովին չնախատեսված մի դեպք։
«Գութան և մուրճ» կոոպերատիվը, որը երեք շաբաթ է ինչ փակ էր ապրանքների վերահաշվառման պատճառով, բացվեց, և խանութի գործակատարները տեր Ֆյոդորենց հարևան բակը գլորեցին մի տակառ նեխած կաղամբ ու թափեցին աղբահորը։ Նրբագրգիռ հոտով գրավված ճագարները վազեցին դեպի հորը և հենց հետևյալ առավոտ նուրբ կրծողների մեջ համաճարակ սկսվեց։ Ընդամենը երեք ժամ մոլեգնեց այն, բայց տեղն ու տեղը պառկեցրե ցերկու հարյուր քառասուն մայր ճագարի և նրանց անհաշիվ սերունդը։
Շշմած տեր Ֆյոդորն ամբողջ երկու ամիս սսկվել էր և միայն հիմա ոգևորվեց, երբ վերադարձավ Վորոբյանինովի տնից և ի զարմանս տիրուհու փակվեց ննջարանում։ Ամեն ինչ ցուցյ էր տալիս, որ տեր Ֆյոդորը պայծառացել է մի նոր գաղափարով, որը համակել է նրա բովանդակ հոգին։
Կատերինա Ալեքսանդրովնան կորացրած մատի կոճիկով բախեց ննջարանի դուռը։ Պատասխան չկար, միայն երգը ուժեղացավ։ Մի րոպե անց դուռը կիսով չափ բացվեց, և ճեղքից երևաց միայն տեր Ֆյոդորի դեմքը, որի վրա կուսական կարմրություն էր խաղում։
― Շուտ ինձ մկրատ տուր, տիրուհի,― արագ֊արագ վրա տվեց տեր Ֆյոդորը։
― Բա ընթրի՞քը։
― Լա՜վ, հետո։
Տեր Ֆյոդորը ճանկեց մկրատը, նորից փակեց և մոտեցավ քերծված սև շրջանակով պատի հայելուն։
Հայելու կողքին կախված էր ժողովրդական մի հին նկար՝ «Մեղավորի հայելին», տպված պղնձե տախտակից և հաճելիորեն ձեռքով ներկած։ «Մեղավորի հայելին» առանձնապես սփոփում էր տեր Ֆյոդորին ճագարներին պատահած դժբախտությունից հետո։ Պարզաճաշակ այդ նկարը ցույց էր տալիս երկնային ամեն բանի ունայնությունը։ Վերևի շարքւոմ նշանակալից և հոգին խաղաղեցնող չորս նկար կար՝ սլավոնական հյուսագրով մակագրված «Սիմը աղոթք է մրմջում, Քամը ցորեն է ցանում, Հաբեթը իշխանություն ունի, Մահը իշխում է բոլորին»։ Մահը գերանդիով էր և ավազի թևավոր ժամացույցով։ Նա ասես պրոտեզներից և օրթոպեդիկ մասերից սարքած լիներ և ոտքերը լայն չռած կանգնել էր բլրավետ ամայի հողի վրա։ Նրա տեսքը պարզ ասում էր, թե ճագարների անհաջողությունը դատարկ բան է։
Հիմա տեր Ֆյոդորին ավելի շատ դուր էր գալիս «Հաբեթը իշխանություն ունի» նկարը։ Հաստափոր ու մորուքավոր հարուստ մի մարդ փոքրիկ դահլիճում նստել էր գահի վրա։
Տեր Ֆյոդորը ժպտաց, և, ուշադիր նայելով հայելու մեջ, սկսեց խուզել իր բարեձև մորուքը։ Մազերը թափվում էին հատակին, մկրատը չխկչխկում էր, և հինգ րոպեից հետո տեր Ֆյոդորը համոզվեց, որ ինքը բնավ չի կարող մորուք խուզել։ Մորուքը դուրս եկավ մի կողմի վրա խուզած, անվայելուչ և նույնիսկ կասկածելի։