Changes
/* ՔԵՌԻՆ։ Լեննին */
― Էռնան էր գրել։ Թեև ձեր միջև ոչ մի կապ չկա (ցավոք, դու այնքան էլ հոգ չես տանում նրա մասին), բայց նա գրել էր։ Ես այսօր ստացա նամակը և իսկույն եկա։ Այստեղ հայտնվելուս համար ուրիշ ոչ մի պատճառ չկա, սակայն կարծես թե սա էլ պակաս պատճառ չէ։ Կարող եմ կարդալ նամակի քեզ վերաբերող հատվածը։― Նա հանեց նամակը։― Ահա թե ինչ է գրում․ «Վաղուց է, չեմ տեսել Յոզեֆին։ Անցած շաբաթ բանկ գնացի, բայց նա այնքան զբաղված էր, որ ինձ ներս չթողեցին։ Համարյա մի ժամ սպասեցի ընդունարանում, հետո տուն գանցի, որովհետև դաշնամուիրի պարապմունք ունեի։ Ես հաճույքով կուզեի խոսել նրա հետ։ Երևի մոտ օրերս հարմար առիթ գտնվի։ Իմ ծննդյան օրվա կապակցությամբ նա շոկոլադի մեծ տուփ էր ուղարկել․ նրա այդ ուշադրությունը շատ հաճելի էր։ Ես մոռացել էի գրել այդ մասին և միայն այժմ՝ Ձեր հարցը կարդալով, հիշեցի։ Պետք է ասեմ, որ պանսիոնում շոկոլադը իսկույն բաժան֊բաժան է արվում։ Հազիվ է մարդ գլխի ընկնում, որ իրեն շոկոլադ են նվիրել, երբ այն անհետանում է իսկույն։ Յոզեֆի մասին մի բան ևս կուզեանայի ասել։ Ինչպես ասացի, բանկում ինձ չթողեցին նրա մոտ գնալ, որովհետև նա ինչ֊որ մի պարոնի հետ էր բանակցում։ Որոշ ժամանակ հանգիստ սպասելուց հետո, ծառաներից մեկին հարցրի՝ արդյոք բանակցությունը երկա՞ր է տևելու։ Նա ասաց, որ, հնարավոր է, այս, քանզի խոսքը հավանաբար պարոն հավատարմատարի դեմ հարուցված դատի մասին է։ Ես զարմացա, թե՝ ի՞նչ դատ։ Գուցե նա սխալվո՞ւմ է։ Նա ասաց՝ ոչ, ինքը չի սխալվում։ Գործ է հարուցվել և այն էլ շատ ծանր գործ, իսկ ավելի մանրամասն ոչինչ չի կարող ասել։ Ինքը ևս մեծ ցանկություն ունի օգնել հավատարմատարին, որովհետև նա լավ ու արդարամիտ պարոն է, սակայն չգիտե, թե ինչպես կարող է ձեռնամուխ լինել, և միայն կուզենար, որ ազդեցիկ մարդիկ իրենց ձեռքը վերցնեին գործը։ Որ այդպես կլինի, և ի վերջո գործը լավ ավարտ կունենա, հաստատ է, առայժմ, սակայն, պարոն հավատարմատարի տրամադրությունից դատելով, գործն այնքան էլ հաջող չէ։ Այս խոսքերին ես, իհարկե, այնքան էլ կարևորություն չտվեցի, փորձեցի նաև միամիտ ծառային հանգստացնել, արգելեցի մյուսներին ևս այդ մասին պատմել և բարբաջանք համարեցի լսածս։ Այնուամենայնիվ, լավ կլիներ, եթե դու, սիրելի հայր, քո հաջորդ այցելության ժամանակ հետամուտ լինեիր գործին, քանզի քեզ համար հեշտ կլինի ընդհուպ մինչև մանրամասները տեղեկանալ և, եթե անհրաժեշտ լինի իրոք, քո ծանոթների լայն ու ազդեցիկ շրջանների օգնությամբ միջոցներ ձեռնարկել։ Իսկ եթե հանկարծ օգնությունն անհրաժեշտ չլինի (մի բան, որ ամենահավանականն է), գոնե դստերդ հնարավորություն կտաս քեզ շուտ գրկելու, և իմացիր, որ դա շատ կուրախացնի նրան»։ Լավ երեխա է։― Նամակը կարդալուց հետո ասաց քեռին և սրբեց աչքերում հայտնված մի քանի կաթիլ արցունքը։ Կ֊ն գլխով արեց։ Տհաճությունների պատճառով նա լրիվ մոռացել էր Էռնային, նույնիսկ ծննդյան օրն էր մոռացել, իսկ շոկոլադի մասին պատմության նպատակն այն էր, որ քեռու և քեռակնոջ մոտ պաշտպաներ իրեն։ Նամակը շատ հուզիչ էր, նա ուզում էր այսօրվանից սկսած կանոնավոր կերպով թատրոնի տոմսեր ուղարկել Էռնային, սակայն թատրոնի տոմսերով Էռնան այնքան էլ հատուցված չէր լինի, իսկ պանսիոնատ այցելելու և տասնութամյա գիմնազիստուհու հետ զրուցելու համար Կ֊ն այս օրերին իրեն այնքան էլ ընդունակ չէր համարում։
― Ի՞նչ կասես այժմ։― Նամակը կարծես մոռացնել էր տվել քեռու շտապողականությունն ու հուզմունքը, և թվում էր, թե նա վերընթերցում է այն։
― Այո, քեռի, ճիշտ է։
― Ճիշտ է։ Ի՞նչն է ճիշտ։ Ինչպե՞ս կարող է ճիշտ լինել։ Ի՞նչ դատավարություն։ Հո քրեական գործ չէ՞։
― Քրեական է։
― Քրեական գործը վզիդ, հանգիստ նստել ես այստեղ։― Քեռու ձայնը գնալով բարձրանում էր։
― Ինչքան հանգիստ լինեմ, այնքան ավելի լավ՝ ելքի համար։― Հոգնած ասաց Կ֊ն։― Մի վախեցիր։
― Դա չի կարող հանգստացնել ինձ, Յոզեֆ։ Սիրելի Յոզեֆ, մտածիր քո մասին, բարեկամներիդ, մեր անվան մասին։ Առայսօր դու մեր պարծանքն ես եղել և իրավունք չունես մեր խայտառակությունը դառնալ։ Քո դիրքորոշումը ինձ դուր չի գալիս։― Նա գլուխը կողքի թեքած նայեց Կ֊ին։― Ոչ մի անմեղ մեղադրյալ, որ դեռ ուժ է զգում իր մեջ, այդպես չի վարվի։ Ասա ինձ, միայն արագ, բանն ի՞նչ է, որ կարողանամ օգնել քեզ։ Գործը հաստատ բանկի հետ է կապված։
― Ոչ։― Կ֊ն վեր կացավ տեղից։― Սակայն դու շատ բարձր ես խոսում, քեռի։ Ծառան հավանաբար դռան մոտ կանգնել, ականջ է դնում։ Դա հաճելի չէ ինձ։ Արի, ավելի լավ է, գնանք այստեղից։ Հետո ես, ինչքան հնարավոր է, կպատասխանեմ քո հարցերին։ Ես շատ լավ գիտեմ, որ հաշվետու եմ ընտանիքին։
― Իրոք որ,― բացականչեց քեռին։― Շատ ճիշտ է։ Շտապիր միայն, Յոզեֆ, արագացրու։
― Միայն մի քանի հանձնարարություն տամ,― ասաց Կ֊ն ու հեռախոսով սենյակ կանչեց իր տեղակալին։ Մի քանի վայրկյան անց նա եկավ։ Հուզված դրության մեջ քեռին ձեռքով ցույց տվեց, որ Կ֊ն է պատվիրել կանչել նրան (տեղակալը չէր էլ կասկածում)։ Գրասեղանի դիմաց կանգնած Կ֊ն սառը, բայց ուշադիր ունկնդրող երիտասարդին ցածր ձայնով, երբեմն֊երբեմն տարբեր փաստաթղթերի օգնությանը դիմելով, բացատրեց, թե իր բացակայության ժամանակ դեռ ինչ պետք է արվի այսօր։ Քեռին խանգարում էր։ Սկզբում նա կանգնել էր աչքերը լայն բացած ու ջղային կծկումներով շուրթերն էր կծոտում։ Թեև նա ականջ չէր դնում, սակայն նրա շարժումներն արդեն բավական խանգարում էին։ Հետո նա սկսեց սենյակում հետ ու աաջ քայլել․ մեկ կանգ էր առնում պատուհանի դիմաց, մեկ՝ որևէ նկարի, դրա հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ նմանատիպ բացականչություններ էին լսվում․
― Ոչինչ չեմ հասկանում։
― Ինձ միայն ասա՝ ի՞նչ է ստացվելու այդ ամենից։
Երիտասարդը ձևացրեց, թե ոչինչի չի նկատում, մինչև վերջ հանգիստ լսեց Կ֊ի հանձնարարությունները, մի քանի նշումներ արեց և, Կ֊ին ու նրա քեռուն խոնարհվելուց հետո (վերջինս մեջքով շուռ եկավ, լուսամուտից դուրս էր նայում ու առաջ պարզած ձեռքերի մեջ վարագույրները ճմրթում), գնաց։ Հազիվ էր դուռը փակվել, քեռին բացականչեց։
― Վերջապե՜ս գնաց այդ խրտվիլակը։ Հիմա կարող ենք մենք էլ գնալ։ Վերջապե՜ս։
Ցավոք, ոչ մի կերպ հնարավոր չէր քեռուն ստիպել, որ միջանցքում դատավարության մասին հարցեր չտա։ Այսուայնտեղ մի քանի պաշտոնյաներ ու ծառաներ էին խմբված կանգնել, տնօրենի տեղակալը կտրեց֊անցավ նախասրահը։
― Դե, Յոզեֆ։― Սկսեց քեռին այն ժամանակ, երբ Կ֊ն կանգնածների խոնարհվելուն թեթև ողջույնով էր պատասխանում։― Այժմ պարզ ասսա, ի՞նչ դատավարություն է դա։
Կ֊ն մի քանի աննշան նկատողություն արեց, մի փոքր ծիծաղեց և միայն աստիճանների վրա բացատրեց քեռուն, որ մարդկանց ներկայությամբ ինքը չէր ուզում խոսել։
― Ճիշտ է։ Իսկ այժմ ասա։― Գլուխը խոնարհած, սիգարը արագ֊արագ ծխելով, քեռին պատրաստվեց ականջ դնել։
― Ամենից առաջ, քեռի, խոսքը սովորական դատարանում լսվող դատավարության մասին չէ։
― Վատ է։
― Ինչպե՞ս։― Կ֊ն աչքերը հառեց քեռուն։
― Ասում եմ, որ շատ վատ է,― կրկնեց քեռին։ Նրանք կանգնել էին փողոցի վրա բացվող ճակատամուտքի մոտ։ Քանի որ թվաց, թե բարապանը ականջ է դնում, Կ֊ն քեռու հետ փողոց իջավ, և աշխույժ երթևեկությունը կլանեց նրանց։ Մինչ այդ Կ֊ից կառչած քեռին առաջվա պես չէր հետաքրքրվում դատավարությունով․ նրանք որոշ ժամանակ նույնիսկ լուռ քայլեցին։