Changes

Դատավարություն

Ավելացվել է 12 822 բայտ, 14:32, 19 Հունվարի 2014
/* ՔԵՌԻՆ։ Լեննին */
― Ես ճանաչում եմ նրան։― Լեննին նույնպես նայեց նկարին։― Նա հաճախ է այստեղ գալիս։ Նկարը նրա երիտասարդ տարիքում է արված, սակայն նա դույզն իսկ չէր կարող նման լինել նկարին, որովհետև չափից դուրս փոքր է։ Չնայած դրան, նա կարգադրել էր այդպես բարձրահասակ պատկերել նկարում, որոհվետև այստեղ եկող բոլոր մարդկանց նման, կուրության ասնելու աստիճան մեծամիտ է։ Ի դեպ, ես նույնպես մեծամիտ եմ և խիստ դժգոհ եմ, որ բոլորովին դուր չեմ գալիս քեզ։
 
Վերջին նկատողությանն ի պատասխան Կ֊ն միայն գրկեց նրան ու իր կողմը ձգեց․ նա գլուխը մեղմ հպեց Կ֊ի ուսին։
 
― Նա ի՞նչ աստիճան ունի,― իմիջիայլոց հարցրեց Կ֊ն։
 
― Քննիչ է։― Լեննին բռնեց Կ֊ի ձեռքը, որ իր ուսովն էր գցված և սկսեց մատների հետ խաղալ։
 
― Նորից քննիչ։ Բարձրաստիճան պաշտոնյաները թաքնվում են։ Բայց ախր նա գահավորակի վրա է նստած։
 
― Դրանք հնարովի բաներ են։― Լեննին դեմքը խոնարհեց Կ֊ի ձեռքին։
 
― Իրականում նա նստած է ձիու սթարով ծածկված խոհանոցային աթոռին։ Բայց Դուք, ի՞նչ է, շարունակ Ձեր դատավարության մասի՞ն եք մտածելու,― ծոր տալով հարցրեց նա։
 
― Ոչ, իհարկե, ոչ։ Ես հավանաբար շատ քիչ եմ մտածում այդ մասին։
 
― Այդ չէ Ձեր սխալը։ Դուք սարսափելի համառն եք։ Ես այդպես եմ լսել։
 
― Ո՞վ է ասել։― Կ֊ն իր կրծքին զգաց նրա մարմինը և նայեց մուգ, փարթամ ու ամուր ոլորված մազերն ի վար։
 
― Շատ բան ասած կլինեմ, թե հայտնեմ դա։ Խնդրում եմ, մի հարցրեք նրա անունը, այլ դադարեցրեք Ձեր սխալները։ Այդքան համառ մի եղեք։ Այս դատավարությունից հնարավոր չէ պաշտապանվել։ Հարկավոր է խոստովանել դա։ Առաջին իսկ առիթի դեպքում խոստովանեք և հետո միայն դուրս պրծնելու հնարավորություն կտրվի։ Խոստովանելուց հետո միայն։ Այնուամենայնիվ, առանց կողմնակի օգնության ոչինչ հնարավոր չէ, իսկ օգնության համար Դուք չպետք է անհանգստանաք․ ես ինքս կուզենամ օգնել Ձեզ։
 
― Դուք շա՞տ բան եք հասկանում այս դատարանից ու այստեղ անհրաժեշտ մեքենայություններից։― Հարցրեց Կ֊ն և, որովհետև Լեննին շարունակ սեղմվում էր, գիրկն առավ նրան։
 
― Այսպես լավ է։― Շրջազգեստը կարգի բերելով ու վերնաշապիկը ուղղելով, Կ֊ի գրկում հարմար տեղավորվելուց հետո ասաց Լեննին։ Հետո նա երկու ձեռքով կախվեց Կ֊ի պարանոցից, ետ ընկավ ու երկար նայեց։
 
― Իսկ եթե չխոստովանեմ, չե՞ք կարողանա օգնել։― Փորձի համար հարցրեց Կ֊ն և համարյա զարմացած մտածեց․ «Ես կանանց եմ հավաքագրում։ Նախ ֆրոյլայն Բյուրստները, հետո դատարանի կատարածուի կինը և, վերջապես, այս փոքրիկ աղախինը, որ կարծես անասկանալի մի պահանջ ունի իմ հանդեպ։ Այնպես է նստել գրկումս, կարծես սա է իրեն հատկացված միակ ճիշտ տեղը»։
 
― Ոչ։― Լեննին դանդաղ օորոեց գլուխը։― Այդ դեպքում չեմ կարողանա օգնել։ Բայց Դուք, ախր բնավ չեք զգում իմ օգնության կարիքը։ Ձեզ համար օգնությունը կարևոր չէ, Դուք կամակոր եք և թույլ չեք տալիս համոզել Ձեզ։ Դուք սիրուհի ունե՞ք,― հարցրեց նա մի փոքր լռելուց հետ։
 
― Ոչ։
 
― Չի կարող պատահել։
 
― Իրոք որ։ Պատկերացրեք միայն, ես հրաժարվել եմ նրանից, մինչդեռ լուսանկարը պահում եմ մոտս։― Լեննիի խնդրանքով նա ցույց տվեց Էլզայի լուսանկարներից մեկը։ Կ֊ի գրկում կուչ եկած, նա զննում էր նկարը։ Վայրկյանային լուսանկար էր, նկարել էին պորտապարից հետո․ Էլզան գինետանը հաճույքով էր պարում։ Նրա շրջազգեստը դեռ չէր ուղղվել շարժումից հետո, ձեռքը պիրկ ազդրերին էր հպել և վիզը ձգած, ծիծաղելով կողքի էր նայում։ Նկարից հնարավոր չէր իմանալ, թե ծիծաղն ում էր հասցեագրված։
 
― Մարմինը ուժեղ կապոտել է,― ասաց Լեննին և ցույց տվեց այն տեղը, ուր իր կարծիքով պարզ երևում էր ասածը։― Նա դուր չի գալիս ինձ։ Կոպիտ է ու անշնորհք։ Միգուցե նա բաեհաճ ու քնքուշ է Ձեր հանդեպ։ Դա կարելի է նկարից ենթադրել, նման խոշոր ու ուժեղ աղջիկները, բարեհաճ ու քնքուշ լինելուց բացի, ուրիշ ոչինչ չգիտեն։ Բայց արդյոք նա կկարողանա՞ Ձեզ համար զոհաբերել իրեն։
 
― Ոչ։ Նա ոչ բաեհաճ է, ոչ քնքուշ և ոչ էլ կկարողանա ինձ համար ինքնազոհության գնալ։ ՈՉ էլ ես եմ մինչև այժմ դրանցից որևէ մեկը պահանջել նրանից։ Դրանից բացի, մինչև հիմա ես այդքան մանրամասն չեմ նայել նկարը, ինչպես Դուք։
 
― Ուրեմն նա անքան էլ կարևոր մարդ չէ՞ Ձեզ համար, ուրեմն նա բնա Ձեր սիրուհին չէ՞։
 
― Ոչ, ես իմ խոսքը ետ չեմ վերցնում։
 
― Թող հիմա Ձեր սիրուհին լինի, բայց Դուք նրա պակասը այնքան էլ չեք զգա, եթե հանկարծ կորցնեք կամ մի ուրիշ կնոջ, օրինակ՝ ինձ հետ փոխանակեք։
 
― Իհարեք, կարելի է նման բան մտածել, բայց նա մեծ առավելություն ունի Ձեր հանդեպ․ նա ընդհանրապես տեղյակ չէ իմ դատական գործին և եթե անգամ ինչ֊որ բան տեղեկանար էլ, այդ մասին չէր մտածի և չէր փորձի համոզել ինձ, կոտրել իմ համառությունը։
 
― Դա բոլորովբին էլ առավելություն չէ։ Եթե նա ուրիշ առավելություն չունի, ես չեմ հուսահատվի։ Նա մարմնական որևէ արատ ունի՞։
 
― Մարմնական արա՞տ։
 
― ԱՅո։ Ես մի փոքր արատ ունեմ։ Տեսեք,― Լեննին իրարից հեռացրեց աջ ձեռքի մատնեմատն ու միջնամատը․ նրանց արանքի կաշին համարյա մինչև ճկույթի վերին հորդն էր հասնում։ Մթության մեջ Կ֊ն իսկույն չնկատեց, թե ինչ է ուզում ցույց տալ աղջիկը, այդ պատճառով Լեննին պարզեց ձեռքը, որ Կ֊ն կարողանար շոշափել։
 
― Բնության ինչպիսի խաղ,― ասաց Կ֊ն և թևն ամբողջությամբ զննելուց հետո ավելացրեց։― Ինչ հիանալի ճանկ է։
 
Լեննին որոշակի հպարտությամբ էր հետևում, թե զարմացած Կ֊ն ինչպես բացեց֊փակեց մատները, մինչև որ թեթևակի համբուրեց ու բաց թողեց։
 
― Օհ։― Բացականչեց նա և իսկույն ավելացրեց։― Դուք համբուրեցիք ինձ։
 
Բերանը բաց, նա ծնկների վրա փութով բարձրացավ Կ֊ի գիրկը։ Կ֊ն շփոթված նայեց, և այժմ, որովհետև Լեննին այդքան մոտ էր,կարծես պղպեղի գրգռող, դառը բույր տարածվեց նրանից։ Լեննին իրեն սեղմեց Կ֊ի գլուխը, խոնարհվեց նրա վրա, կծեց ու համբուրեց պարանոցը, կծոտեց մազերը։
 
― Դուք նրան արդեն փոխանակեցիք ինձ հետ։― Ժամանակ առ ժամանակ բացականչում էր նա։― Տեսա՞ք, Դուք արեն փոխանակեցիք։
 
Նրա ծունկը սոթ տվեց և քիչ մնաց,որ նա կարճ ճիչ արձակելով գլորվեր գորգին։ Կ֊ն գրկեց, փորձեց պահել, բայց Լեննին նրան ներքև քաշեց։
 
― Այժմ դու իմն ես։
 
― Ահա քեզ տան բանալին, երբ ուզում ես, արի։― Լեննիի վերջին խոսքերն էին։ Հեռանալու ժամանակ մի աննպատակ համբույր դրոշմվեց Կ֊ի մեջքին։
 
Երբ Կ֊ն դարպասից դուրս եկավ, թեթև անձրև էր մաղում։ Նա ուզեց անցնել փողոցի մեջտեղը, որ գուցե կարողանար պատուհանի մոտ տեսնել Լեննիին։ Այդ պահին տան դիմացը կանգնած մեքենայից (ցրվածության մեջ Կ֊ն չէր նկատել մեքենան) քեռին դուրս պոկվեց, բռնեց նրա թևից և կարծես այնտեղ մեխելու մտադրությամ հրեց դարպասի կողմը։
 
― Ինչպե՞ս կարողացար այդպես վարվել, տղեկ,― բացականչեց նա։― Դու սարսափելի վնաս հասցրիր քո գործին, մինչդեռ այն լավ էր ընթանում։ Այդ չնչին, կեղտոտ արարածի հետ, որ հաստատ փաստաբանի սիրուհին է, մոռացար ամեն ինչ, ժամերով ներս չեկար։ Ոչ մի պատճառ չփնտրեցիր, պարզ ու շիտակ էիր․ վազեցիր նրա մոտ ու մնացիր։ Մինչդեռ մենք խմբովի նստել էինք․ քեռիդ, որ քեզ համար էր չարչարվում, փաստաբանը, որին, քո շահերից ելնլեով, պետք էր գրավել և, ամենից առաջ՝ գրասենյակների տնօրենը, այդ մեծատառով պարոնը, ում ձռքերում է քո գործն այս պահին։ Մենք ուզում էինք խորհրդակցել, թե ինչպե՞ս կարելի էր քեզ օգնել։ Ես պետք է զգուշորեն մշակեի փաստաբանին, նա իր հերթին՝ տնօրենին, իսկ դու,որ բոլոր հիմքերն ունեիր առնվազն ինձ պաշտպանելու համար, հեռացար։ Քո բացակայությունը հնարավոր չէր մինչև վերջ թաքցնել․ նրանք քաղաքավարի, գործիմաց մարդիկ են, չխոսեցին քո հեռանալու մասին, խնայեցին ինձ, բայց քանի որ չէին կարող այլևս հաղթահարել իրենք իրենք և որվհետև չէին կարող խոսել գործի մասին, լռում էին։ Մենք մի քանի րոպե լուռ նստած մնացինք ու ականջ դրեցինք, թե չե՞ս գա վերջապես։ Իզուր։ Ի վերջո տնօրենը ոտքի կանգնեց։ Նա ավելի երկար էր մնացել, քան սկզբում էր մտադիր, հրաժեշտ տվեց, ըստ երևույթին կարեկցեց ինձ, որ չկարողացավ օգնել, հետո, անհասկանալի սիրալիրությամբ, որոշ ժամանակ էլ մնաց դռան մեջ կանգնած ու գնաց։ Ես, իհարկե, ուրախ էի, որ գանց․ շնչելու օդն արդեն չէր բավականացնում ինձ։ Հիվանդ փաստաբանի վրա այդ ամենն ավելի վատ ազդեց։ Խեղ֊ մարդը չէր կարողանում խոսել, երբ հրաժեշտ տվեցի նրան։ Դու, հավանաբար, քո նպաստն ունեցար նրա լիակատար ուժասպառության հարցում։ Այդպես արագացնում ես մի մարդու մահը, ում վրա պետք է հույս դնես, իսկ ինձ, քո սիրելի քեռուն, ստիպեցիր ժամերով կանգնել անձրևի տակ ու մտատանջվել։ Հապա ձեռք տուր, լրիվ ջուր եմ դարձել։