Changes
/* Սպիտակ հետքեր երկնքի վրա */
Սպիտակամորթները խոսում են Ծիր Կաթինի մասին, բայց յուրաքանչյուր հնդիկ գիտե, որ այդ Երկնային Որսատեղերի ճանապարհն է, այն ճանապարհը, որ գծեց Վակինու գորշ արջը։
==Ծիածան օձը==
Ամեն անգամ, երբ երկնակամարում ծիածան է հայտնվում, բոլորը զարմանում են նրա բազմազան գույների վրա և ուզում են իմանալ, թե որտեղի՞ց է այդ արտակարգ գեղեցկությունը։ Միայն արևմուտքի հնդիկները գիտեն և պատմում են այն հինավուրց լեգենդը, թե ծիածանը ինչպես է առաջացել։
Խեղդող տոթի ժամանակ էր։ Կիզիչ Արևը չորացնում էր անջրդի պրերիան, լճերն ու գետերը ցամաքել էին, և մարդիկ, որ ջանում էին ապաստան գտնել ստվերում, ողբում էին։
― Վա՜յ, մենք կործանվում ենք։
― Կենդանիները ոչնչանում են ծարավից։
― Ձկներն իջնում են ջրի հատակը։
― Նույնիսկ վարդերը այլևս չեն տալիս իրենց սերմերը, բոլորը թոշնում են, թառամում։
Մի փոքրիկ թեփուկավոր օձ լսեց նրանց ողբը։ Նա դուրս եկավ իր թաքստոցից և զարմացնելով բոլորին, խոսեց մարդկային լեզվով։
― Ես օժտված եմ կախարդական ուժով և պետք է օգնեմ ձեզ։ Դուք պետք է վերցնեք ինձ և դեպի երկինք նետեք։
― Բայց կընկնես և կսատկես,― ասաց հնդիկ շամանը, որը մեծ կախարդի համարում ուներ և չհավատաց օձին։
― Ոչ, ես չեմ ընկնի, կկառչեմ երկնքից և կաշխատեմ այնտեղից ձյուն կամ անձրև պոկել, որովհետև վերևում մարգագետինները կապույտ սառցից են,― պատասխանեց օձը։
― Դրա համար դու շատ փոքր ես,― դժգոհեց շամանը նորից։
― Ես կարող եմ ձգվել, երկարել ամբողջ հորիզոնով մեկ,― պնդեց օձը,― վերցրեք ինձ և վեր նետեք։
Շամանը այլևս չխոսեց, վերցրեց կծկված օձին և ինչքան ուժ ուներ նետեց դեպի անամպ երկինքը։
Օձը հենց որ բարձրացավ, սկսեց երկարել երկնքով մեկ, գլուխը և պոչը կորվեցին դեպի երկիրը, իսկ ողնաշարը, քերծելով կարծր սառույցը, բարձր երկնքում աղեղ կազմեց։
Օձի մարմինը սկսեց փոխվել զանազան գույների՝ կարմիր, կանաչ, կապույգ, դեղին, ծիրանագույն։ Երկնքի սառույցը աստիճանաբար հալվեց և բարեգութ անձրևը տեղաց երկրի վրա։
Ամեն ինչ նորից կենդանացավ՝ ջրերը լցվեցին չորացած գետերը, կենդանիաները վերադարձան իրենց հարազատ վայրերը, վարդերը բացվեցին և տարածեցին իերնց բույրը։ Իսկ հնդիկները հրճվանքով վեր բարձրացրին իրենց դեմքերը և այնպես պահեցին, որ անձրևը թրջի իրենց, հետո սկսեցին պարել ի պատիվ օձի, որ այն օրվանից մինչև հիմա աղեղվում է իր ճկուն մարմնով, իչպես գունավոր ժապավեն, երբ արևոտ օրերին անձրև է տեղում։
==Կորած երեխաները==
Լայնարձակ հովտում ազատ, անկաշկանդ արածում էր գյուղի նախիրը։ Անասունները միայն խուսափում էին գետափին գտնվող մենավոր խրճիթից։ Կարծես թե այնտեղ ոգիներ էին բնակվում։
Յոթ եղբայրներ էին ապրում այդ խրճիթում, բոլորն էլ աղքատ, ինչպես մկներ։ Նրանց հայրը հազվադեպ էր որսից լիքը ձեռքով տուն վերադառնում, և տղաները ուտելու փոխարեն ստիպված երգ ու պարով էին սնվում։
Եղբայրները շոր էլ չունեին, մինչդեռ հարևան գյուղի տղաները ամեն գարնան հորթի կաշվից կարած նոր զգեստներ էին հագնում։ Իսկ եղբայրներն աշխատում էին աչքից հեռու մնալ, որ ոչ ոք չտեսնի ու չծաղրի իրենց մերկությունը։
Եղբայրաները հանդգնում էին դուրս ելնել իրենց խրճիթից միայն գիշերները, երբ սկսվում էր նրանց խաղի ժամը։ Խաղում էին, որպեսզի մոռանան դատարակ ստամոքսները։ Գաղտագողի դուրս գալով խրճիթից, ընտրում էին լավ պատսպարված տեղ, ուր գետինը մերկ էր, կոշտ և սովորաբար նախքան խաղի սկսելը կրակ էին վառում, որ հաղթահարեն սառնամանիքը։
Ամբողջ օրը սոված մնալով, գիշերները աշխատում էին խնջույք անել, որն, իհարկե, խաբուսիկ էր լինում՝ առանց ուտելիքի, կռացած կրակի վրա, երևակությունը կախարդում էր նրանց տապակած հորթի գայթակղիչ պատկերով։ Հետո պարում էին կրակի շուրջը, մինչև մոտենում էր լուսաբացը և նրանց քնելու ուղարկում։
Անցնում էր գիշերը գիշերվա ետևից, բայց երեխաները մնում էին աղքատ ու սոված, իսկ Մեծ Ոգին երբեք էլ չէր անհանգստաում նրանց համար, առանց այն էլ նա շատ հոգսեր ուներ․ աղքատ հնդիկներն անթիվ էին, անհամար։
Դեղին Հորթի ամսվա վերջին երեխաները այնքան հյուծվել, ուժասպառ էին եղել, որ այլևս պարել չէին ցանկանում։
― Վե՛ր կացեք, արթնացե՛ք,― թախանձում էր մեծ եղբայրը մնացած վեցին,― եկեք խորհուրդի կրակ վառենք, գուցե փրկության միջոց գտնենք։
Չգիտեմ, թե քանի խարույկ էր վառվում հնդկական երկրում այդ գիշեր, բայց մեկը վառվում էր մարգագետին եզրին, և յոթ եղբայրները նստած էին նրա շուրջը։ Անցնում էր ժամանակը, իսկ նրանք լուռումունջ սպասում էին։ Վերջապես ամենափոքրը սկսեց խոսել խոր թախիծով․
― Աշխարհը շատ վատ տեղ է, գուցե ավելի լավ կլիներ, եթե մենք հեռանանք նրանից։ Եկեք աղբյուր դառնանք կամ, օրինակ, հող։ Այդ դեպքում մենք խաղաղ կլինենք և ոչնչի կարիք չենք զգա։
― Ոչ, հողը մեռած է, ավելի լավ է ժայռ դառնանք,― առաջարկեց երկրորդ եղբայրը։
― Ժայռերը կարող են խորտակվել,― չհամաձայնեց երրորդը,― եկեք հսկա ծառ դառնանք։
Իսկ չորրորդ եղբայրն այլ կարծիք ուներ․
― Կայծակը մեզ կշանթահարի, լավ է ջուր դառնանք և ապահով լինենք ամեն տեսակ վտանգից։
― Իսկ Արևը՞, նա կարող է չորացնել բոլոր ջրերն ու գետերը, լավ կլինի, եթե գիշեր դառնանք, գիշերը մեզ միշտ ապաստան է եղել։
Նրանց դուր եկավ վերջին միտքը և համարյա համաձայնում էին, երբ վեցերորդ եղբայրն ասաց․
― Ոչ էլ այդ է ամենահարմարը։ Գիշերը միշտ փոխվում է ցերեկվա, ես կցանկանայի ցերեկ դառնալ քան գիշեր։
Եղբայրները լռեցին մի պահ, հետո ամենամեծն ասաց․
― ՄԵզ հայտնի է, որ ցերեկն էլ մշտական չէ, միայն լուրթ երկինքն է հավերժականա, բայց մենք նրան փոխարինել չենք կարող, քանի որ մեկ երկինքը բավական է հնդիկներին, բայց այնտեղ կան բազմաթիվ գեղեցիկ աստղեր, կարծում եմ նրանք ուրախությամբ կընդունեն մեզ և տեղ կտան իրենց մեջ։
Տղաները ուրախացան խելոք խորհրդի համար և համաձայնեցին։
Մնացած փայտերն էլ գցեցին կրակի մեջ, որը մեծացավ, պայծառացավ և լուսավորեց ամբողջ բացատը։
Եղբայրներն էլ հենց այդ էին ուզում, նրանք ոտքի ելան, ձեռք ձեռքի տվին և հանդարտ սկսեցին պարել։
Յուրաքանչյուր քայլ փոխելիս կարծես չքանում էր նրանց հոգնածությունը, ոտքերը շարժվում էին ավելի ու ավելի արագ։ Արդեն գետնին չէին դիպչում․ ձեռք֊ձեռքի տված, մեկ շրջան կազմած, բարձրանում էին վեր։ Ներքևում հեռվից հեռու դեռ հուրհրատում էր կրակը, իսկ նրանք սլանում էին դեպի աստղերը։
Երբ գիշերային երկինքը յոթ եղբայրներին շրջապատեց իր հրաշքներով, նրանք պարը դադարեցրին և իրենց շուրջը նայեցին։ Երկնքում տեսան հեքիաթային յոթ վիգվամներ, որոնք կարծեք հենց իրենց էին սպասում։ Նրանք վազեցին և ամեն մեկը մի վրանի տակ տեղավորվեց։
Ներսում զարմանահրաշ բարիքներ էին սպասում նրանց։ Վիգվամների պատերին, հատակին և ամենուրեք թափված էին անթիվ գեղեցիկ իրեր։ Յոթ եղբայրենրը կանգնել էին շունչները պահած և հիանում էին այդ մոգական հարստություններով, որոնք իրենց համար էին։ Ամեն տեղ կային գեղեցիկ զարդանկարներով թանկարժեք հագուստներ, առաջնորդների փայլուն գլխածածկեր, նուրբ ձևավորված մոքասիններ և համեղ ուտելիքներ։
Տղաները, հագան նոր զգեստներ և նայեցին իրար։
Ա՛յ քեզ հրաշք, նրանց հագուստները իրար նման էին և բոլորն էլ փայլում էին շլացուցիչ ոսկեգույն լույսով։ Եղբայրները զարմացած իրար էին նայում առանց հասկանալու, թե ի՛նչ է պատահել իրենց։ Վերջապես մեծ եղբայրը գտավ անխոս տրված հարցի պատասխանը։
― Եղբայրնե՛ր, կատարվել է մեր ցանկությունը․ կապույտ երկինքը մեզ բերել է իր մոտ և աստղեր դարձրել։
Եվ իսկապես այդպես էր։ Այն օրից սկսած, երբ աշունը գալիս է և մատղաշ ցուլերը դարչնագույն են դառնում, հնդկական երկրի բոլոր երեխաները նայում են կապույտ երկնքին և աստղերի մեջ փնտրում են կորած եղբայրներին։ Նրանք աստիճանաբար հաջորդում են իրար՝ մեծ եղբոր վիգվամը գտնվում է բոլորից վեր, և նրա փայլը կորչում է անսահման հեռվում։
==Սպիտակ ջրաշուշանը==
Վաղուց, շատ վաղուց, երբ դեռ թմբուկները պատերազմ չէին գուժել հնդիկներին, պրերիայի եզրին մի գեղեցիկ գյուղակ կար։ Այնտեղ տղամարդիկ վաղ առավոտյան որսի էին գնում և երեկոյան տուն վերադառնում հարուստ պաշարով․ կանայք ուտելիք էին պատրաստում, կար անում, իսկ երեխաները արևածագից մինչև արևմուտ խաղ էին անում։ Բոլորն էլ երջանիկ էին և համերաշխ։
Ցերեկները երկար ժամանակ Արևը փայլում էր և ժպտում կարմրամորթների դեմքերին, անձրև թափվում էր միայն այն ժամանակ, երբ պետք էր լինում թարմացնել ձորերի, գետերի, լճերի ջրերը և զովացնել ծառերն ու ծաղիկները"
Բայց տեսեք, թե հետո ինչ պատահեց․
Աստղերը, որ փայլում էին ճամբարի վերևում, լսեցին հնդիկների մասին և որովհետև նրանց լույսը շատ էր աղոտ ու երկիր չէր հասնում, խնդրեցին իրենց առաջնորդին, որ թույլ տա իրենց իջնել և գյուղ գնալ։
Գիշերային երկնքի առաջնորդը Լուսինն էր։ Նրան դուր չէր գալիս, որ իր մարդիկ թափառում են ամբողջ գիշեր և վաղ առավոտյան անկողին մտնում, ինչպես Առավոտյան աստղը։ Երբ այդպիսի դեպք էր պատահում, նա ընդհարվում էր Արևի հետ։ Բայց այդ գիշեր նա արտակարգ լավ տրամադրության մեջ էր և չմերժեք նրանց խնդրանքը։ Աստղերն աշխույժ ծիծաղելով և շատախոսելով սկսեցին պատրաստվել ճամփորդելու և ուշք չդարձրին այն խելացի խորհրդներին, որ Լուսինը տվեց իրենց։
― Դուք կարող եք գնալ ուր ուզում եք, բայց զգուշացեք, որ հանկարծ չշոշափեք գետինը։ Եթե իջնեք գետին, դուք այնտեղ կմնաք և հաջորդ օրը Արևը ձեզ կայրի, կսպանի, որովհետև նրա ճառագայթները ճակատագրական են մեզ համար։
Աստղերը գնացին։ Նրանց բախտից այդ գիշեր Լուսինը կլոր էր, այլապես կկորցնեին ճանապարհը։ Վերջապես հասան հնդիկների ճամբարը և սկսեցին բոլոր կողմերից դիտել։ Հնդիկները քնած էին, միայն մի փոքր տղա, որ ապրում էր ճամբարի ծայրին, դեռ արթուն էր։ Տարօրինակ շշնջոցներ լսելով, նա լարեց ուշադրությունը և վիգվամի տանիքի լուսամուտից դուրս նայեց։ Մի պահ նրա սիրտը կանգ առավ տեսածից․ Ինչքան շատ աստղեր կան և ինչքան մոտիկ։ Նա իսկույն մագլցեց վեր, դեպի վրանի ծայրը և սյունը շարժեց, որ լավ տեսնի։ Սյունը դեմ առավ ինչ որ բանի և շրը՜մփ, վայր ընկավ։ Աստղը ցածրից էր անցնում, ուղիղ վիգվամի վրայից, այդ պատճառով ընկավ գետին և իսկույն դարձավ մի գեղեցիկ, ողբացող աղջիկ։
― Տես, թե ի՜Նչ արիր,― հանդիմանեց նա տղային,― Ես այլևս չեմ կարող իմ քույրերի հետ վերադառնալ և հենց որ լույսը բացվի, Արևի ճառագայթները կգտնեն ինձ և ես կմեռնեմ։
Տղան ապշահար նայում էր նրան։ Այդ ընթացքում աստղերն արդեն հասկացել էին, թե ինչ է տեղիունեցել և խուճապահար ետ էին թռչում, գիտակցելով, որ անկարող են օգնել իրենց տարաբախտ քրոջը։
Արցունքները առատորեն հոսում էին սիրուն աղջկա աչքերից։ Տղան խղճահարվեց։
― Ես քեզ կօգնեմ,― ասաց նա,― ցերեդկը, երբ Արևը դուրս գա ես քեզ կթաքցնեմ իմ վիգվամում և չի կարողանա գտնել։ Իսկ հետո՞ ինչ կանենք։
― Եթե ես կարողանամ իմ գոյությունը պահպանել ցերեկը, երեկոյան կդառնամ ծաղիկ և կգնամ կապրեմ մի բարձր ժայռի կատարին, որտեղից կկարողանամ նայել ձեր ժողովրդին, որովհետև ինձ դուր է եկել ձեր կյանքը։
Նրանք վարվեցին այնպես, ինչպես որոշել էին։ Տղան ամբողջ օրը տանը մնաց և ջանք չխնայեց, որ ամենաթույլ և ամենահետաքրքրասեր ճառագայթն անգամ հանկարծ չթափանցի վիգվամի ներսը։ Հենց որ օրը վերջացավ, աղջիկն իսկույն թռավ ծխնելույզի օդանցքից և շտապեց տեղ գտնել բարձր ժայռի վրա և նրա կտարինհաջորդ օրն անմիջապես մի գեղեցիկ սպիտակ վարդ բուսնեց։
Բոլոր հնդիկները հիանում էին, երբ տեսնում էին գեղեցիկ ծաղիկը, միայն տղային էր հայտնի, որ դա այն փոքրիկ աստղն է, որին նա պահեց իր վիգվամում և պահպանեց Արևի սպանիչ ճառագայթներից։
Շուտով աղջիկը ձանձրացավ մենակությունից, թեև նա գյուղին նայում էր հեռվից և տեսնում ճամբարի կյանքը, բայց ոչ ոք չէր կարող մագլցել ժայռը և զրուցել նրա հետ։ Երբեմն֊երբեմն նրան ընկերակցում էին այն թռչունները, որոնց բույնը այդ կողմերում էր։
Այսպես, նրա մոտ զրուցելու եկավ մի փոքրիկ ցախսարեկ։
― Ես այնպես մենակ եմ այստեղ,― գանգատվեց սպիտակ վարդը,― կարոտ եմ մարդկային ընկերակցության։ Եթե կարողանայի պրերիայում ապրել, շատ լավ կլիներ։
― Եթե այդ է ցանկությունդ, ես կարող եմ օգնել,― պատասխանեց փոքրիկ թռչնակը,― միայն մի փոքր թեքիր գլուխդ, որ քեզ կտուցովս վերցնեմ։
Վարդը հնազանդ թեքեց գլուխը, ցախսարեկը կտուցով վերցրեց նրան և դեպի պրերիա թռավ։
Պրերիայում կյանքն ավելի ուրախ էր։ Հնդիկները, ինչպես և զանազան կենդանիներ այցելում էին սպիտակ վարդին։ Բայց մի օր հանկարծ առավոտյան վաղ սարսափելի ձայներ լսվեցին։
― Շտապե՜ք, շտապե՜ք,― գոռում էին այս ու այն կողմից,― պետք է թաքնվել, գոմեշի նախիրն է գալիս։
Բոլորը վազեցին և թաքնվեցին ով որտեղ կարող էր։ Շուտով հորիզոնում փոշու հսկայական ամպ հայտնվեց, որը աստիճանաբար ավելի ու ավելի մոտեցավ։ Սպիտակ վարդը ահաբեկված գլուխը թաքցրեց տերևների մեջ, որոնք սարսափիցլայնացել էին։ Նախիրն անցավ մրրիկի պես։ Հազարավոր սմբակներ այնպիսի աղմուկ էին բարձրացրել, որ կարծես ամպրոպ ճայթեց։
Երբ վերջապես ամեն ինչ խաղաղվեց, սպիտակ վարդը գաղտագողի դուրս նայեց տերևների արանքից։ Պրերիան բոլորովին ամայի էր դարձել և կյանքի նշույլ անգամ չկար։
― Ես չեմ կարող այստեղ մնալ և այսքան փորձություններ տանել,― ասաց աստղն ինքն իրեն,― ավելի լավ է տեղափոխվեմ լճի վրա և այնտեղ ապրեմ։
Նա պոկվեց գետնից և շատ չանցած ներքևում երևաց փայլող լճի մակերեսը։ Նա ցած իջավ և մակույկի նման հանդարտ սահեց լճի վրայով։
Հաջորդ օրը վաղ առավոտյան, երբ հնդիկները անցնում էին լճի մոտով, զարմանքով նկատեցին, որ ջրի երեսին սպիտակ ծաղիկներ կան։
― Գիշերային աստղերը ծաղիկներ են թողել,― ասացին երեխաները, բայց խելահաս մարդիկ թափահարեցին գլուխները և ասացին, որ դա սպիտակ աստղն է իջել մեզ մոտ։ Նրանք ճիշտ էին։
Այդ օրվանից աստղն ապրում է լճի վրա սպիտակ ջրաշուշանի տեսքով և հնդիկները Վահբերգվամի կամ Սպիտակ ծաղիկ են կոչում։