Changes

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Ավելացվել է 9788 բայտ, 15:01, 26 Հունվարի 2014
/* Բուսեղեներ և ծառապաշտություն */
Մանրագորի հետ լոշտակի ունեցած կամ ենթադրական առնչությունը թողնում ենք բուսաբանների և բանասերների քննությանը։
Լոշտակից ավելի թերևս անվանի է փենունան (Paeonia կամ Betonica Orientalis), որը իր բազում արժանիքների համար կրում է նաև տասնյակներով հաշվվող այլ անուններ, որոնցից են <i>խաչափայտ</i>֊ը, <i>քահանայուկ</i>֊ը կամ <i>քահանայատակ</i>֊ը։ «Զի երբ կտրես,― ասում են վերոհիշյալ գրիչները,― մէջն զէջ խաչ է»։ Նրա տված բազում հրաշագործ օգուտների պատճառով փենունա հանելու պահի համար սահմանված են աղոթք և ավետարանի ընթերցում․ «Յորժամ ծխես [զայն] դեւն փախչի․ թէ զարմատն տերեւովն ծխես, ոչ դեւ և ոչ չար չմերձենայ ի քեզ և ոչ ի տուն քո», և այլն։ Եվ եթե «յիրք մի շարեն զայն [որ] սեւ հունտն՝ և տղոցն ի վիզն կախեն, օգտէ ըխտաւորին (լուսնոտի―Ղ․Ա․)․․․ և այնոց՝ որ յանվայր վայրիքն շուրջ գան՝ ի վիզն կախեն, շատ օգտէ»։ Ըստ հին ավանդույթների՝ 12֊րդ դարի մեր գիտնական֊առակախոս Մխիթար Գոշ վարդապետը ևս հայտնում է․ «Փեննա զանձն սրբասէր ասէր լինել»։ Իսկ հաջորդ դարի բժշկարանները և աղթարքները ըստ «Մաշտոց»֊ի կատարված ծեսերի և աղոթքների նման մի կանոն գրեցին փենունա հանելու եղանակի վերաբերյալ՝ խաչով, ավետարանով, խունկով, մոմով և այլն։ Աղոթասացության մեջ սկսում են հիշել «զմարդն առաջին, զոր նախանձեալ չարն՝ խաբեաց զծաղրամիտ կինն՝ ճաշակմամբ պտղոյն․ և ելեալ ի դրախտէն՝ անկաւ յերկիր անիծից և ցաւոց․ և աղաղակեցին առ քեզ, Տէր, և ցուցեր նոցա ծաղիկս և պտուղս, խոտս և արմատս, ի բժշկութիւն մարդկան․ ետուր և զզօրութիւն շնորհի քո ի Փենունայս յայս, ի ձեռն ծառայի քո մեծին Մովսիս»։
 
Ստույգ է բույսերի բուժական զորությունը, ինչը մարդիկ գտան դիպվածով կամ փորձով։ Սակայն այդ ստուգության վրա նանրահավատները որչա՜փ անստույգ ու սուտումուտ բաներ են ավելացրել։ Եվ եթե հայերս գրել ենք ծիսական մի կարգ կամ կանոն, արևմտյան ազգերի մեջ իրենց սույն Բետոնիկայի (Betonica) վերաբերյալ ամբողջ գիրք կա գրված։
 
Իրավ է, որ շատ անգամ սուտը գնում է ճշմարիտի հետևից, տգիտությունը՝ գիտության՝ իբրև նրա ստվերը, և ստվերի պես էլ ավելի մեծ և երկար է երևում։ Եվ արժեքն էլ ստվերից ավելին չէ։
 
Լոշտակի ու փենունայի հետ հայերսունեցել ենք նաև երրորդ զարմանալի ու սրբազան ծաղիկը, որ քաջածանոթ չէ, բայց թվում է բնիկ հայկական․ դա <i>համասփյուռ</i> կամ <i>համասպրամ</i> կոչվածն է։ Ըստ վերոհիշյալ վարդապետի և ըստ նրա անվանակից ու գրեթե ժամանակակից մեծ բժիշկ Մխիթար Հերացու՝ համասփյուռը «մի արմատ ունի և արձակէ բազուկս 12, և ունի ամէն մէկ գոյն մի ծաղիկ այլեւայլ, կապուտ և ծիրանի, շուշան, և այլ ամէն գունից զարդարեալ է»։ Համասփյուռը ծաղկում է ամռանը, բայց գտնելու համար «պարտ է խնդրել զծաղիկն ի գիշեր, զի ի գիշերն պայծառագոյն երեւի ի յաչս խնդրողաց»։ Բուսաբանությանն ենք թողնում նկարագրել ծաղիկի գույներն ու այլ հատկությունները, գտնել տեղանքն ու ինչ ցեղի բույս լինելը, որ հավանորեն Lychnis և հատկապես Lych․ Orientalis կոչվածներից է, ինչը անցյալ դարի սկզբին տեսավ և նկարագրեցհռչակավոր ֆրանսիացի բուսաբան Տուռնֆորը (Tournefort)։
 
Իհարկե, այս երեքից զատ, ինչպես մյուս ազգերը, այնպես էլ հայերս ունենք քիչ կամ շատ զարմանալի հատկություններ ունեցող այլ բույսեր ևս, որոնք ավելորդ եմ համարում քննել ու դրանց մասին գրել։ Թող բավարար համարվի միայն երնջան և երնջանիտակ տեսակները հիշելը, որոնց անունը, ըստ իս, ավելի զարմանալի է, քանի որ զուտ հայերեն է հնչում, և սակայն լատիներենը ևս կոչվում է Eringium, որից ֆրանսերեն Erynge և Panicaut։ Արդ, մեր աղթարաբանները գրում են նաև յաս ծաղիկի մասին․ «Ով զիր տակն ի հետ պահէ՝ ամենեւին դիւական չար չմերձենայ յինքն․ թէ ուզես որ իմանաս զզօրութիւն սորա՝ գի՛տ չար դիւահար մի, և տար ի սորա տակ՝ն, և մերկիկ ի վերայ սրտին դիր․ ասել տայ դիւին թէ ուստի է կամ է՞ր է մտել․ փախչի ի խաւարն արտաքին»։ Թող այնտեղ էլ մնա։
 
Ըստ մեզ այս վերջին անունից և այլ հիշատակումներից, ինչպես և ընդհանրապես բույսերի բազմաթիվ ու խորհրդանշանական անվանումներից հետևում է, որ հայերիս մեջ շատ հնուց է մտել ծանոթությունը բույսերի բնույթին, որի հետ նաև ավելորդ և սնոտի կարծիքներ ու հավատք։ Գուցե օտարամուտից ավելի ինքներս ենք օտարներին մատուցել իրավ ու սուտ ծանոթություններ, մանավանդ եթե ստույգ է ամենահին բուսաբանական կամ երկարգործական գրքի մեջ եղած արաբ հեղինակի մի ավանդությունը, ըստ որի՝ հայկազունների և բաբելացիների կամ ասորեստանցիների ժամանակ Համբուշատ անունով մի հայ կարող էր գրած լիներ այս գիտությունների վերաբերյալ։ Եթե ոչ վերոհիշյալից, ապա հույն և հետո՝ հռոմեացի հեղինակների գործերի մեջ ևս կան բուսաշխարհին վերաբերող ոչ սակավ տեղեկություններ՝ նաև առասպելախառն, որ որևէ եղանակով առնվել են հայերից, ինչպես Պլուտարքոսի հիշատակած Երասխի ափերին գտնված ու գետի անունով կոչված արասա բույսը, որի անունը տեղացիների լեզվով թարգմանվում է «կուսահալած»․ իբր երբ նարն կույս է մոտենում, ծաղիկը, արյուն ցայտելով, թառամում է ու չորանում<ref>Այս անունը չենք կարող ստուգաբանել մեր իմացած լեզվով։ Կարող ենք բառի վերջին կեսը լսել <i>կույս</i>, առաջինն էլ <i>հեռի </i> կամ նման մի բան։</ref>
 
Հռոմեացիների մեծ բնագետ Պլինիուս Ավագը հիշատակում է <i>ադամանտ</i> (Adamantis<ref>Aliam (herbam) Adamantida, Ameriae Cappadociaeque alumnam: hac admota leones resupinari cum hiatu laxo․ Պլինիուս, XXIV, 12։</ref>) անունով կախարդական զորությամբ բույսը, որ կար Հայաստանում և Կապադովկիայում։ Եթե ադամանտը մոտեցվի առյուծին, գազանը, երախը բաց, կտապալվի։ [Անվնաս պատճառն այն է, որ հնարավոր չէ տրորել]<ref>Nominis causam esse, quod conteri nequeat.</ref>։
 
Նույն Պլուտարքոսը նույն Երասխի կողմերում հիշում է իրենից հին Կտեսիփոն անունով պատմիչից ու բուսաբանից առածը․ ասում է, թե իբր արդեն հիշատակված Դիորփոս լեռան մոտերքում եղել է նռան պես, բայց խաղողահամ պտուղների համանուն ծառ, որից եթե մեկը մի հատ առնի ձեռքը, կեղևի ու «Արե՜ս» կանչի (թերևս հայոց Արան կամ արևը), պտուղի գույնը միանգամից կփոխվի և կդառնա կանաչ։
 
Ավելորդ եմ համարում հիշատակել այլ բույսերի ու ծաղիկների այսպիսի սնոտի հատկությունները, մանավանդ որ մեր հեթանոս հայրերի համար չեն հիշվում, այլ հետին ժամանակների ու քրիստոնեական դարերի հիշատակություններ են։
=Ծանոթագրություններ=
<references/>