Changes
/* Երկրորդական ստուգում */
Եվ երբ ինձ առաջարկեցին ստորագրել առգրավված առարկաների ցուցակի տակ, ես այն ստորագրեցի առանց նայելու։
==Երեքով==
Բայց դա իմ վերջին փորձությունը չէր։
Մաքսային ստուգումից հետո, մենք շարունակեցինք ճանապրհը և շուտով մոտեցանք ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԿԵՏ ցուցանակով դռանը։
Սմերչևը ներողություն խնդրեց և ասաց, որ սանիտարական մշակումը չափազանց անհրաժեշտ է ինձ համար, քանի որ Մոսկորեպում ընդունված են խստագույն միջողառումներ թշնամական օղակներից էպիդեմիական հիվանդությունների մուտքը կանխելու համար։
Իսկրինա Ռոմանովնան առաջարկեց վերցնել արժեքավոր իրերս պահպանման համար և ես նրան տվեցի թեթևացած «դիպլոմատը», ժամացույցը և դրամապանակը։
Կոմպիսները մնացին դռան ետևում, իսկ ես մտա ներս։ Պարզվեց, որ այնտեղ փայտյա երկար նստարաններով բաղնիքի նախասրահ էր։ Անկյունում, նստարաններից մեկի վրա, հանվում էին արդեն տեսածս շոգե֊անտառատարի վարորդները և շատ բարեկամաբար խոսում էին մաքուր նախնական լեզվով, ամեն րոպե հիշելով Գենիալիսսիմուսին և նրա մորական գծով բոլոր բարեկամներին։
Վարորդներից մեկի մեծ մատը փաթաթված էր սև իզոլյացիոն ժապավենով։
Նայելով վարորդներին, ես էլ սկսեցի հանվել։ Տարօրինակ է, բայց չնայած դրսի շոգին, այստեղ այնքան ցուրտ էր, որ մարմինս անմիջապես սկսեց կապտել և պատվել սագի մաշկով։
Սպիտակ խալաթով կինը ձանձրանում էր փայտյա միջնորնի ետևում։
Վարորդները հանձնեցին նրան շորերը, փոխարենը ստացան փայտյա դույլեր և գնացին առաջ։ Ես էլ մոտեցա կնոջը, հանձնեցի շորերս և ստացա դույլ։ Նա թաց էր, լպրծուն և առանց բռնակի։
Մյուս սենյակում նստած էր մի կին մազերը խուզելու մեծ գործիքով, որը երևի նախատեսված էր ոչ թե մարդկանց, այլ ոչխարներին խուզելու համար։ Նա առաջարկեց ինձ կտրել մազերս։ Ես նստեցի փակվելով թասով, և խնդրեցի սարքել կիսաբոկս։ Նա առանց պատասխանելու և առանց ծածկելու ինձ, միանգամից մի լայն ակոս արեց գլխիս մեջտեղում։
― Մադամ, ― վեր թռա ես։ Այդ ի՞նչ եք անում։ Դուք ինչ է գժվե՞լ եք։ Ես խնդրեցի սարքել կիսաբոքս։
Սկզբից նա նույնիսկ չհասկացավ, թե ես ինչ եմ նրանից ուզում, հետո բացատրեց, որ տարբեր տեսակի անպետք միջատների դեմ պայքարի համար Մոսկորեպի բոլոր քաղաքացիները խուզվում են զրոյով, իսկ մազերը հանձնվում են երկրորդական հումքի կետերը, հետագա մշակման համար։
Հենց այնպես կորցնել իմ հիանալի սանրվածքը տհաճ էր, բայց ինչպես ասում են, երբ կորցրել ես գլուխդ, ուշ է մտածել մազերի մասին։
Ես անցա առաջ և շուտով հայտնվեցի ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ԼՎԱՑՈՒՄԻ ԴԱՀԼԻՃ ցուցանակով դռան առաջ։
Ցուցանակի մոտ փակցված էր մի փաստատուղթ, որը կոչվում էր «ԿԱՐԴԱ ԵՎ ՀԻՇԻՐ։ Այնտեղ գրված էր, թե ինչպիսի կանոններ պետք է պահպանեն լողացողները։ Փաստատուղթը գրված էր վեհ արտահայտություններով և ուներ էպիգրաֆ, որը վերցված էր իբր թե Գենիալիսիմուսի ստեղծագործություններից․ «Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի․ և դեմքը, և հագուստը և մարմինը»։
Կանոնները սկսվում էին հաղորդումով, այն ահռելի և անխոնջ հոգատարության մասին, որը օրեցօր իրականցնում են Գենիալիսսիմուսը և իր ղեկավարած պարտիան, կոմունիստական ռեսպուբլիկայի քաղաքացիների հանդեպ։ Այդ հոգատարության արդյունքում ամեն մի կոմունյանին հնարավորություն ստացավ լիովին և կանոնվոր կերպով բավարարել իր կարիքները մարմնի մակերեսը լվալու հարցում։
Բայց ինչպես մշտապես սովորեցնում էր Գենիալիսսիմուսը, խնայողությունը պետք է դառնա սովորություն, պետք է դառնա մարդու երկրորդ և ինչու չէ, նույնիսկ ամեն մի կոմունյանինի առաջին էությունը։ Պետք է խուսափել ավելորդ շռայլությունից և օգտագործել ջուրը բնական կարիքների սահմանում, որը դժվար չէ հաշվարկել։ Դրա համար պետք է բազմապատկել քաշը՝ կիլոգրամներով, հասակի վրա՝ սանտիմետրորով, ստացված թիվը բաժանել 2145 գործակցին և արդյունքում ստանալ տվյալ ինդիվիդումի համար անհրաժեշտ տաք֊սառը ջրի ծավալը դույլերով։ Ես մի քիչ անհանգստացա, որ պետք է մակերեսս լվանալուց առաջ կատարեմ բարդ, իմ դեպքում անիրական մաթեմատիկական հաշվարկներ, բայց ներկայացված աղյուսակը ինձ հանգստացրեց, այնտեղ ամեն ինչ նախօրոք հաշված էր։ Իմ 165 սանտիմետր հասակի և 78 կիլոգրամ քաշի համար անհրաժեշտ էր ուղիղ վեց դույլ ջուր։
Կանոններում նաև նշաված էր, թե ինչ է արգելվում լողացողներին․
1. Լողանալ արտաքին հագուստով։
2. Նվագել երաժշտական գործիքների վրա։
3. Իրագործել բնական կարիքները․
3. Փչացնել կոմունիստական սեփականությունը։
4. Խստիվ արգելվում է պարզել ի հայտ եկած կոնֆլիկտները դույլերի և լողանալու համար նախատեսված ուրիշ գործիքների միջոցով։
Սյս հրահանգները կարդալիս, ես աչքի պոչով նկատեցի, որ իմ կողքով սկզբից անցան երկու տղամարդ, հետո երկու կին, բոլորն էլ իհարկե մերկ։ Ես մի տեսակ տատանվեցի և հարցրեցի մոտ եկած հաստլիկին, որտե՞ղ է գտնվում տղամարդկանց բաժինը։ Նա զարմացավ․
― Իսկ դու, փոքրիկս, ո՞ր գյուղից ես եկել։
― Շտոկդորֆից, ― ասացի ես։
― Շատուրտորֆի՞ց։
― Այդպիսի անվանում կարծես թե չեմ հանդիպել, ― ասաց հաստլիկը։ ― Իսկ դա որտեղ է, շա՞տ հեռու է։
― Այնպես, ― ասացի ես։ Մի վաթսուն տարի այստեղից։
Նա նայեց ինձ այնպես, կարծես ես ապուշ եմ և ասաց, որ տարբեր ձեռնարկությունների բաժանումը տղամարդկանց և կանանց համար գույություն ունի միայն թշնամական օղակներում, իսկ այստեղ լիակատար հավասարություն է և տարբերությունը կանանց և տղամարդկանց միջև փաստացի ջնջված է։
Ես ինքնաբերաբար թեքեցի աչքս նրա կողմը և համոզվեցի, որ հաստլիկի մոտ տարբերությունը իսկապես որ հիմնավորաես ջնջված էր։
Ներսից՝ մակերեսը լվանալու դահլիճը ոչ մի առանձնապես հետաքրքիր բան իրենից չէր ներկայացնում։ Բաղնիք ինչպես բաղնիք։ Երկար քարե նստարաններ, պատերի երկայնքով ծորակներ, գոլորշի, ձայների ժխոր։ Տղամարդիկ և կանայք միասին էին լողանում, դա ինձ զարմացնում էր միայն այն պատճառով, որ տեղի էր ունենում Մոսկվայում։ Իսկ սեռերի այդպիսի ազատություն ես տեսել էի դեռ վաթսուն տարի առաջ Երրորդ օղակում։
Դահլիճը մեծ էր, սյունազարդ։ Սյուներից մեկի վրա ես տեսա ուղեցույց, որի տակ գրված էր․ «սեքսուալ ցանկությունների բավարարում՝ անկյունից այն կողմ»։ Չէ, ինչքա՜ն զարմանալի փոփոխություններ են կատարվել այստեղ իմ բացակայության ժամանակ։ Իմիջիայլոց, այդ գրության տակ մեխով փորված էր «ՍԻՄ» բառը։ Ես նորից հիշեցի Սիմիչին և մտածեցի, որ լավ կլիներ բերել նրան այստեղ, այս ընդհանուր բաղնիքը, որպեսզի նա տեսներ, թե այս ամենակուլները ինչեր են մտածել։ Պատկերացնում եմ, թե ինչպես էր նա թքելու։
Ես մի քանի քայլ արեցի այն ուղղությամբ, որ ցույց էր տալիս սլաքը, և իմ առաջ հայտնվեց վարորդների այն զույգը, որոնց ես այսօր արդեն երկու անգամ տեսել էի։ Ձեռքերում պահած պլաստմասսաից սարքված ինչ֊որ մուգ հեղուկով բաժակներ, նրանք ակնհայտ վատ մտադրություններով կպչում էին մի նիհարիկ աղջկա, որը, ինչքան էլ տարօրինակ է, համարյա հագնված էր։ Նրա հետաքրքիր տեղը ծածկված էր մոմլաթե տերևով, իսկ կրծքերի վրա ինչ֊որ աստղեր էին։ Չնայած նպատակը սիրախաղն էր, երեքի դեմքն էլ ջղայն էր։
Ես ուզում էի նրանց կողքով անցնել, բայց կապված մատով վարորդը կանգնեցրեց ինձ և հարցրեց․
― Հայրիկ, երրորդը կլինե՞ս։
Ուրիշ անգամ եթե ինձ այդպես դիմեին, ես կարող էի նեղանալ և նույնիսկ նրա մռութին հասցնել։ Բայց հիմա ես նույնիսկ ուրախացա, իմանալով, որ երեքով խմելու սուրբ սովորությունը հասել է ինձ հետ մինչև կոմունիզմ։ Բաժակների մեջ գտնվող հեղուկի հոտը, ճիշտն ասած, ախորժելի չէր։ Բայց բանը հոտի մեջ չէր։ Այն ամենի հոտից ինչ ես ժամանակին խմել եմ, ձիերը կորցնում էին իրենց գիտակցությունը։ Ես հիմա նույնիսկ նավթ կխմեի։ Բայց այնքան հոգնած էի, որ մի բաժակից ուղղակի կարող էի ընկնել և էլ վեր չկենալ։ Դրա համար ես ինձ հաղթահարեցի և, ձեռքս դնելով կրծքիս, ուսուցողաբար ասացի վարորդներին․
Ներեցեք տղաներ, թողել եմ։ Չեմ խմում և ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս։ Ալկոհոլը քայքայում է լյարդը և բացասաբար ազդում մարդու ուղեղի վրա։
Վարորդները իրար նայեցին։
Դե, մենք էլ կարծես թե խմող չենք, ― անվաստահ ասաց մատը կապածը։ Մենք քեզ խմել չենք առաջարկում։
Իսկ ի՞նչ եք առաջարկում, ― զարմացած հարցրի ես։
Նրանք նորից իրար նայեցին, իսկ աղջիկը ծիծաղեց։
― Այ քեզ բա՜ն, ― զարմացած ասաց մատը կապածը։ ― Ինչ ենք անո՞ւմ, ասում է։ Դու ի՞նչ է չգիտես, ինչ են անում սրանց հետ, ― ասաց նա և ցույց տվեց աղջկան։ Գնանք այն կողմ, բավարարվենք։
― Երեքով մի կնոջ հե՞տ։ ― Ես չհավատացի ականջներիս։ ― Ախր դա մեղք է։ Ինչպե՞ս կարելի է թույլ տալ այդպիսի այլանդակություն և անամոթություն։ Դուք ապրում եք կոմունիզմի ժամանակ, որին հասնելու համար մարդիկ զոհվում էին փամփուշտներից, վառվում խարույկնրում, սառչում ճահիճներում։
Չնայած հոգնածությանս, ես նրանց կրճատ պատմեցի Հոկտեմբերյան հեղափոխության, Հայրենական պատերազմի, Լենինգրադյան բլոկադայի և մեծ կառույցների ստեղծման մասին։
― Եվ դուք այդ բոլորը չեք գնահատում, ― ասացի ես, թքեցի և շարունակեցի ճանապարհս։
― Լսիր, հայրիկ, ― հասավ ինձ մատը կապածը։ Ի՞նչ ես տաքացել։ Հո գիժ չես։ Դե մենք ի՜նչ փչացածներ ենք։ Այդ ոչ թե մենք, աղջիկներն են այդպիսին։ Առաջ նրանք, ― նա ցույց տվեց բաժակը, ― այս օճառի կեսն էին վերցնում։ Դա ոչինչ, հարմար էր։ Եվ բավարարվում էինք և լողանում։ Իսկ հիմա երեք բաժակից պակաս չեն վերցնում, դրա համար էլ ստիպված միանում ենք։
Ես անհարմար զգացի, որ ինչ֊որ բան չեմ հասկացել։ Ներողություն խնդրեցի և ասացի, որ իրենց ընդհանուր գործին մասնակցել չեմ կարող, որովհետև առաջինը, կնոջս սովորաբար չեմ դավաճանում, իսկ երկրորդը, օճառ չունեմ, մոռացել եմ ճամպրուկում։ Ինչին վարորդը պատասխանեց, որ օճառային կարիքները այստեղ նույնպես բավարարվում են և ցույց տվեց անկյունում գտնվող փորիկ կրպակը, որտեղ մի գեր պառավ կին, ցանկացողներին տալիս էր օճառով բաժակներ։ Իմ նոր ծանոթի հետ մոտեցանք այնտեղ, ես ստացա իմ բաժակը, հոտ քաշեցի և տվեցի վարորդին։
Ինչպե՜ս էր նա ինձ շնորհակալություն հայտնում։
― Դու, հայրիկ, ― ասաց նա, ― ես տեսնում եմ եկվոր ես և մեր կյանքում ոչինչ չես հասկանում։ Այնպես որ, եթե ինչ֊որ բան պետք լինի, դիմիր ինձ։ Ես յոթերորդ կոմկոլոննայում եմ աշխատում, այնտեղ ինձ բոլորը գիտեն։ Ւմ նոր անունն է Կոսմիյ, բայց ինձ բոլորը դիմում են որպես Կուզյա, հնի նման։ Այնպես որ եթե քեզ ինչ֊որ բան պետք լինի, կարդան կամ ուրիշ մաս, ես ամեն ինչ կճարեմ։
Շնորհակալություն հայտնելով նրան, ես գնացի ջուր փնտրելու։ Ամենուրեք պատերին և սյուներին կային մոտավորապես այսպիսի ջրից չջնջվող մակագրություններ․
ՋՈՒՐԸ ԿՅԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐՆ Է
ՋՈՒՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է
ՈՎ ՉԻ ԽՆԱՅՈՒՄ ՋՈՒՐԸ, ՆԱ ԺՈՂՈՎՐԴԻ ԹՇՆԱՄԻՆ Է
ՄԻ ԴՈՒՅԼ֊ՉԱՓԸ ― ՀԵՐԻՔ Է ՁԻՈՒՆ ՀԱԳԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մոտենալով ծորակներով պատին, ես տեսա մի պլակատ, որից նայում էր քաղաքացիական պատերազմի մասնակցի նման մի մարդ, որը մատով ցույց տալով ինձ ասում էր․ «Դու ծախսեցիր ավելորդ ջուր»։
― Ես չեմ ծախսել, ― ասացի ես։ Ես դեռ ոչ մի դույլ ջուր չեմ վերցրել։
Իհարկե, կարմիր բանակայինը միայն նկար էր, բայց այնպիսի բնական տեսք ուներ, որ նրա հայացքի տակ, ես ինքնաբերաբար կծկվում էի։ Ջրի իմ կարիքը ես բավարարեցի միայն մեկ երրորդ չափով, այսինքն՝ ինձ համար նախատեսված վեց դույլ ջրի չափից օգտագործեցի միայն երկուսը։ Ես մտածեցի, որ այդպիսի խնայողության համար ինձ, միգուցե, նույնիսկ մի ինչ֊որ շքանշան է հասնում։ Սակայն շքանշան ես չպահանջեցի և գնացի դեպի ելք։
Այնտեղ ինձ վերադարձրին իմ հագուստը։ Շոգեխաշումից հետո նա տաք էր։ Պիջակիս կոճակները հալվել էին, բայց շալվարիս շխթայիկը անվնաս էր, որովհետև նա երկաթից էր։
==Երդում==
Ընդարձակ և լուսավոր դահլիճում, Ձերժին Գավրիլովիչ Սիրոմախինը շնորհավորեց ինձ լողանալու արթիվ և ասաց բաղնիքդ անուշ։ Նա մենակ էր։ Մնացածները, ինչպես նա ասաց, մեկնել էին։
― Դե, թանկագինս, իսկ հիմա վերջին ձևականությունը և գնում ենք հանգստանալու։
Մենք ներս մտանք դռնով, որի վրա գրված էր․ «Րիտուալ կարիքների բավարարության կաբինետ»։ Ես վախեցա, որ այնտեղ նորից ինչ֊որ անպարկեշտ բան կլինի, բայց սխալվեցի։
Երկար սեղանի առաջ, բարձր մեջքերով աթոռների վրա, Գենիալիսսիմուսի մեծ դիմանկարի տակ, նստած էին երեք հաստլիկ կանայք, երեքն էլ գեներալական կոչումներով։ Երևի նրանք ներկայացնում էին ինչ֊որ դատարան։ Նրանց տեսքը շատ խիստ էր, բայց ամենա մեծը (նա նստած էր մեջտեղում) նույնիսկ ասաց ինձ արդեն ծանոթ կոմպլիմենտը, որ տարիքիս համեմատ շատ լավ եմ պահպանվել։
Սակայն նա նորից խստացավ և հաղորդեց ինձ, որ նախքան ես ոտք կդնեմ Մոսկորեպի սուրբ տարածքը, պետք է կոմունիստական ռեսպուբլիկայի քաղաքացու երդում տամ։
― Կրկնեք իմ ետևից, ― հրամայեց նա։
― Ամբողջ երդումը ես իհարկե, չեմ հիշում։ Հիշում եմ միայն, որ այն սկսվում էր շնորհակալական արտահայտություններով Գենիալիսսիմուսին ինձ ընձեռված պատվի համար։ Որպես կոմունիստական քաղաքացի, ես պետք է պահպանեի խիստ կարգապահություն աշխատանքում, կենցաղում և հասարակական կյանքում, կատարեի և գերակատարեի աշխատանքային հանձնարարությունները, պայքարեի համատարած տնտսեման և ուտիլիզացիայի համար, սրբորեն պահպանեի պետական, հանրային և մասնագիտական գաղտնիքները, սերտորեն համգործակցեի պետական անվտանգութայն օրգանների հետ, հայտնելով նրանց ինձ հայտնի դարձած հակակոմունիստական դավադրությունների, գործողությունների, խոսքերի կամ մտքերի մասին։
Համարյա ամբողջ նախորդ մասը ես հնազանդ կրկնում էի, բայց այստեղ կանգ առա և նայեցի դատավորներին։
― Գիտեք, ― ասացի ես։ ― Այդ ինչ֊որ այն չէ։ Ես մատնություն չեմ կարող անել։
― Ինչպե՞ս թե չեք կարող, ― զարմացավ գլխավոր դատավորը։ ― Դուք, ես լսել եմ, նույնիսկ վեպեր եք կարողանում գրել։
― Այո, ― ասացի ես, ― վեպերը ինչ են որ։ Վեպերը դա մատնություն չէ։
― Ինչ եք ասում, ― հանգստացրեց նա ինձ։ ― Մատնություն գրելը շատ ավելի հեշտ է։ Ոչինչ պետք չէ հնարել, ինչ լսել եք, այն էլ գրում եք։ Ով որտեղ ինչ անեկդոտ է պատմել, ով ինչպես է այդ անեկդոտը ընդունել։ Դա շատ հասարակ բան է։
― Ձեր համար, միգուցե հեշտ է, ― բռնկվեցի ես, ― իսկ ինձ համար ոչ։ Ես անցյալ կյանքում էլ մատնիչ չեմ եղել, իսկ հիմա առավել ևս չեմ լինի։
Երեք կինն էլ հայացքներ փոխանակեցին։
― Ձերժին Գավրիլովիչ, ― զայրացած ասաց գլխավորը։ Այս ինչ անհաս կոմսոր եք դուք մեզ մոտ բերել։ Ինչո՞ւ դուք նրան նախօրոք չեք մշակել։ Սկզբից զրուցեք նրա հետ, հետո երբ կհամոզեք, այն ժամանակ մենք նրան նորից կլսենք։
Ես տեսա, որ Ձերժինը շփոթված է։ Երբ մենք նորից դահլիճում հայտնվեցինք, նա բռնեց ձեռքս և քարշ տվեց մի անկյուն։
― Դուք խելագարվել եք, թանկագինս, ― շշնջաց նա, վախվորած շուրջը նայելով։ Դուք ի՞նչ եք անում ինձ հետ։ Մի՞թե կարելի է այդպիսի խոսքեր ասել։
― Իսկ ի՞նչ մի առանձնապես բան եմ ասել, ― հարցրեցի ես։
― Մի՞թե դուք նույնիսկ չեք հասկանում ինչ եք ասել։ Դուք հրապարակայնորեն մերժեցիք աշխատել օրգանների հետ և արտասանեցիք «լրտեսել» բառը։ Ես նույնիսկ չգիտեմ, որտեղ եք այն լսել։ Դա հնացած, անպետք բառ է։ Մեզ մոտ, իհարկե, ազատություն է, բայց ողջամիտ սահմաններում։ Այդպիսի բառերի համար, ոչ միայն թշնամական օղակներում, այլ նաև մեզ մոտ են պատժում։ Այնպես որ եկեք վերադառնանք այնտեղ, և խնդրում եմ առանց անակնկալների։
― Ոչ, հաստատակամ ասացի ես։ ― Դուր է գալիս դա ձեզ, թե ոչ, բայց ես եկել եմ այստեղ, ոչ նրա համար, որ ինչ֊որ մեկին հետևեմ։
― Օ՜, Գենա, ― մրթմրթաց նա։ ― Ինչքան խորն են նստած ձեր մեջ սոցիալիստական նախապաշարումները։ Մի՞թե դժվար է կրկնել ինչ֊որ բառեր։ Դա միայն ձևականություն է և ուրիշ ոչինչ։ Կերդվեք, որ մատնելու եք, իսկ ինքներդ դա չեք անի։ Կամ կգրեք կեղծ մատնություններ և կհանձնեք անձամբ ինձ։ Իսկ ես նրանք կպահեմ մի հեռու տեղ։
― Դե գիտեք ինչ, ― զայրացա ես։ ― Դուք ինձ ո՞ւմ տեղն եք դրել։ Եթե ձեր կոմունիզմը այդպիսին է, որ առանց մատնությունների ոչ մի կերպ հնարավոր չէ, ապա ես ձեր Մոսկովյան րեպայում, չեմ ցանկանում մնալ նույնիսկ մի ավելորդ ժամ։ Ես անհապաղ վերադառնում եմ ինձ մոտ Շտոկդորֆ։
― Գնացեք, ― ասաց նա հանկարծ բարկանալով։ Հիմա ես կասեմ, որ վերադարձնեն ձեր բոլոր իրերը և կարող եք մեկնել։ Եթե ձեր համար հետաքրքիր չէ տեսնել, ինչպես ենք մենք ապրում․․․ Չէ՞ որ ձեզ հենց դա է պետք։ Դուք սովոր եք ձեր վեպերը հնարել, ուրեմն մեր մասին էլ կարող եք գրել տարբեր անհեթեթություններ և հեքիաթներ։ Այնպես որ մեզ դրանով չես զարմացնի։ Մեզ ինչպես ասես չեն զրպարտել։ Այնպես որ մի հատ ավել, մի հատ պակաս․․․
Նա շուռ եկավ դեպի պատուհանը նեղացած և վշտացած։
Ինձ համար էլ էր տհաճ։ Ես չեմ սիրում հենց այնպես նեղացնել մարդկանց։ Բացի դրանից մտածեցի, որ իսկապես, այստեղ հասա վտանգելով, եթե կարելի է այդպես ասել իմ կյանքը, և շեմքից ետ վերադառնալ, նույնիսկ ներս չնայելո՞վ։
― Դե լավ, ― ասացի ես։ ― Սատանան ձեզ հետ։ Ես զիջում եմ։ Բայց սա կլինի վերջին անգամ։
― Ապրես, ― Սիրոմախինը նույնիսկ ուրախությունից թռչկոտեց։ ― Ես գիտեի, որ դուք խելացի մարդ եք և ճիշտ որոշում կընդունեք։ Իսկ ինչ վերաբերվում է այդ մատնություններին, ապա ես ձեր համար մի գաղտնիք բացեմ․ գրելու համար թուղթ չկա։ Մեզ մոտ Մոսկորեպում թղթի հետ․․․ ― նա ձեռքը տարավ կոկորդին․․․ դրությունը անհույս է։