Changes
Արգելոց
,«Վրացին օրինավոր մարդ լինել չի կարող…»։
Վերադարձա՝ աշխատելով չթափել կաթը։ Տանյան վեր կացավ, լվացվեց, հարդարեց անկողինը։ Միխալ Իվանիչը, տնքտնքալով, բենզասղոցն էր նորոգում։Ծխի, խոտի ու արեւից տաքացած առվույտի հոտ էր գալիս։ Կաթ լցրի, հացը կտրտեցի, կանաչ սոխ ու պինդ եփած ձվեր հանեցի։ Տանյան զննում էր ծակված կեպին։ — Կուզե՞ս կաշվե կարկատան դնեմ։ — Ինչի՞։ Արդեն տաք է։ — Նորը կուղարկեմ։ — Ավելի լավ է ցիանակալիում ուղարկես։ — Չէ, լուրջ, ի՞նչ ուղարկեմ։ — Ի՞նչ իմանամ Ամերիկայում հիմա ինչ են ծախում… Արի չխոսենք դրա մասին… Իննին մոտ հասանք տուրբազա։ Վարորդն ավտոբուսն արդեն կանգնեցրել էր ճամփաբաժանին։ Տուրիստները պայուսակներն ու ճամպրուկները տեղավորում էին բեռնախցում։ Մի քանիսը տեղ էր զբաղեցրել լուսամուտների մոտ։ Մոտեցա ծանոթ վարորդին։ — Ազատ տեղ ունե՞ս։ — Քեզ համար կճարվի։ — Ուզում եմ կնոջս Լենինգրադ ուղարկեմ։ — Ցավակցում եմ։ Ես իմը Կամչատկա կուղարկեի։ Կամ Լուսին՝ Տերեշկովայի տեղը… Վարորդի հագին գեղեցիկ արտասահմանյան վերնաշապիկ էր։ Ընդհանրապես՝ էքսկուրսիոն ավտոբուսների վարորդները համեմատաբար բարեկիրթ են։ Նրանցից շատերը կարող էին հաջողությամբ փոխարինել զբոսավարներին։ Միայն թե շատ ավելի քիչ կվաստակեին… Հանկարծ նկատեցի, որ Տանյան զրուցում է Մարիաննա Պետրովնայի հետ։ Չգիտես ինչու, միշտ անհանգստանում եմ, երբ երկու կին մենակ են մնում։ Առավել եւս, երբ մեկը իմ կինն է։ — Վե՛րջ,— ասում եմ վարորդին,— պայմանավորվեցինք։ Իջեցրու նրան Շրջանցիկ ջրանցքի մոտ։ — Էնտեղ խոր չի,— ծիծաղեց վարորդը… Մտածեցի՝ չնստե՞մ հենց հիմա ու ես էլ գնամ։ Իսկ իրերս զբոսավարներից մեկնումեկը կբերի։ Բայց թե՝ ինչո՞վ ապրես։ Եվ ինչպե՞ս… Կողքովս վազեց֊անցավ Գալինան։ Գլխով արեց կնոջս կողմը․ — Տե՛ր Աստված, ինչ վախենալո՜ւն է… Ձայն չհանեցի։ Բայց մտովի խանձեցի հիդրոպիրիտով գունաթափած խոպոպները։ Մոտեցավ ֆիզկուլտուրայի հրահանգիչ Սերյոգա Եֆիմովը։ — Ներողություն եմ խնդրում,— ասաց նա,— սա՝ ձեզ։— Ու Տանյային տվեց հապալասով բանկան։ Բաժանվելու ժամանակն էր։ — Կզանգես,— ասաց Տանյան։ Ես գլխով արեցի։ — Զանգելու տարբերակ կա՞։ — Իհարկե։ Համբուրիր Մաշային։ Ինչքա՞ն կտեւի էդ ամենը։ — Դժվար է ասել։ Մի ամիս, երկու… Մտածի՛ր։ — Կզանգեմ։ Վարորդը բարձրացավ խցիկ։ Վստահ հռնդաց արտասահմանյան շարժիչը։ Ես ինչ֊որ անհոդաբաշխ բան ասացի։ — Ես էլ,— ասաց Տանյան… Ավտոբուսը շարժվեց, արագ անցավ անկյունը։ Մի պահ, ու կարմիր կողը շողաց ծառերի արանքից, Լուտովկայի մոտ։ Մտա բյուրո։ Իմ խումբը՝ Կիեւից, ժամանում էր տասներկուսին։ Ստիպված էի վերադառնալ տուն։ Սեղանին տեսա Տանյայի հերակալները։ Երկու կաթի գավաթ, հացի փշրանք ու ձվի կճեպ։ Այրուքի ու կոսմետիկայի բարակ հոտ էր գալիս։ Հրաժեշտ տալիս Տանյան ասաց․ «Ես էլ…»։ Մնացածը խլացրեց շարժիչի աղմուկը։ Աչք ածեցի Միխալ Իվանիչի սենյակը։ Այնտեղ չէր։ Կեղտոտ անկողնու գլխին աչքիս ընկավ հրացանը։ Տուլայի ծանր, կարմրակոթ երկփողանին։ Իջեցրի պատից ու մտածում եմ՝ ինքնասպան լինելու ժամանակը չի՞… Հունիսը չոր էր ու արեւոտ, խոտը խշշում էր ոտքերի տակ։ Տուրբազայի պատշգամբներից խայտաբղետ սրբիչներ էին կախված։ Կսվում էր թենիսի գնդակների պիրկ կտտոցը։ Լայն սանդղամուտի բազրիքներին հենված՝ կարմրին էին տալիս փայլուն անվահեցերով հեծանիվները։ Ձեղնապատուհանի գլխին կախված բարձրախոսից ինձ էին հասնում հին տանգոյի հնչյունները։ Մեղեդին ասես գծված լիներ բազմակետերով… Գնդակների կտտոցը, տաքացած խոտի բույրը, հեծանիվների երկրաչափությունը այդ անուրախ հունիսի հիշատակելի գծերն են… Տանյային զանգեցի երկու անգամ։ Եվ երկու անգամն էլ անհարմարության զգացում ունեի։ Զգացվում էր, որ նրա կյանքն ինձ անծանոթ հաճախանքով է հոսում։ Հիմար վիճակում էի, ինչպես խաղադաշտ խուժած երկրպագուն։ Մեր տանը օտար ձայներ էին հնչում։ Տանյան անսպասելի հարցեր էր տալիս։ Օրինակ․ — Որտե՞ղ ենք պահում էլեկտրականության վճարի հաշիվները։ Կամ․ — Դեմ չե՞ս, որ ծախեմ իմ ոսկե շղթան։ Չգիտեի էլ, որ կինս թանկարժեք իրեր ունի… Տանյան անցնում էր ատյաններով, ձեւակերպում էր թղթերը։ Բողոքում էր բյուրոկրատներից ու կաշառակերներից։ — Պայուսակի մեջ,— ասում էր,— տասը շոկոլադի սալիկ կա, Կոբզոնի չորս տոմս ու երեք օրինակ Ցվետաեւա… Տանյան գրառված ու համարյա երջանիկ էր թվում։ Ի՞նչ կարող էի ասել։ Տասներորդ անգա՞մ կրկնեի՝ «Մի՛ գնա»։ Ինձ նվաստացնում էր սեփական գործերով նրա կլանվածությունը։ Իսկ ե՞ս՝ համարյա այլախոհի իմ խնդիրներով։ Տանյայի ուշքն ուրիշ տեղ էր։ Առաջին անգամ ինչ֊որ լուրջ բան էր կատարվում… Մի անգամ ինքը զանգեց։ Բարեբախտաբար տուրբազայում էի։ Ավելի ճիշտ՝ կենտրոնական մասնաշենքի գրադարանում։ Ստիպված էի վազքով կտրել տարածքը։ Պարզվեց՝ Տանյային տեղեկանք է պետք։ Որ թույլ եմ տալիս տանել երեխային։ Եվ նյութական պահանջներ չունեմ։ Տանյան մի քանի չորուցամաք նախադասություն թելադրեց։ Մի այսպիսի ձեւակերպում եմ հիշում․ «… Թվով մեկ երեխա…»։ — Տեղի նոտարի մոտ վավերացրու, ուղարկի։ Ամենալավը դա է։ — Կարող եմ,— ասում եմ,— ինքս գալ։ — Դեռ կարիք չկա։ Լռություն տիրեց։ — Բայց կհասցնե՞նք իրար հրաժեշտ տալ։ — Իհարկե։ Մի մտածի, որ… Տանյան համարյա արդարանում էր։ Անհարմար էր զգում իր անտարբերության համար։ Դրա համար էր այդ հապճեպ «Կարիք չկա…»֊ն։ Հավանաբար տանջալից խնդիր էր, որը հաջողվել էր լուծել։ Այսինքն՝ անցած փուլ էի։ Իմ բոլոր արատներով ու առաքինություններով։ Որոնք արդեն նշանակություն չունեին… Այդ օրը հարբեցի։ Մի շիշ «Մոսկովյան» առա ու խմեցի մենակ։ Միշային կանչել չէի ուզում։ Միխալ Իվանիչի հետ խոսելը չափազանց մեծ ջանքեր է պահանջում։ Հիշեցնում է ունիվերսալ զրույցները ակադեմիկոս Լիխաչյովի հետ։ Միայն թե՝ Լիխաչյովին աշխատում էի հնարավորինս խելացի երեւալ։ Իսկ այստեղ հակառակը՝ որքան կարելի է մատչելի ու պարզ։ Օրինակ, Միխալ Իվանիչը հարցնում էր․ — Գիտե՞ս ինչի են հրեաներին թլպատում։ Որ բանը լավ աշխատի… Խաղասիրաբար համաձայնում էի․ Կարճ ասած, մտա բաղնիքի կողքի անտառակը։ Թիկնեցի կեչուն։ Ու խմեցի «Մոսկովյանը», ամբողջ շիշը, առանց ուտելու։ Միայն իրար հետեւից ծխում էի ու արոսենու պտուղներ ծամում… Աշխարհը միանգամից չփոխվեց դեպի լավը։ Սկզբում մոծակներն էին նեղում։ Ինչ֊որ լորձոտ աղտեղություն սողաց փողքիս մեջ։ Ասենք, խոտն էլ, պարզվեց, թաց էր։ Հետո ամեն ինչ փոխվեց։ Անտառն ընդարձակվեց, շրջապատեց ինձ եւ առավ իր բուրավետ ընդերքը։ Առժամանակ դարձա համաշխարհային ներդաշնակության մաս։ Արոսենու դառնությունն անբաժան էր թվում խոտի խոնավ հոտից։ Գլխավերեւս տերեւները թույլ թրթռում էին մոծակների զնգոցից։ Ինչպես հեռուստաէկրանին՝ լողում էին ամպերը։ Եվ նույնիսկ սարդոստայնը զարդ էր թվում… Ես պատրաստ էի արտասվել, չնայած դեռ հասկանում էի, որ խմիչքն է ազդում։ Հավանաբար ներդաշնակությունը պահ էր մտել շշի հատակին… Անվերջ կրկնում էի․ — Պուշկինն էլ պարտքեր ուներ, հարաբերություններն էլ պետության հետ էն չէին։ Կնոջ հարցում էլ փորձանք պատահեց։ Չասած արդեն՝ ծանր բնավորությունը… Եվ՝ ոչինչ։ Արգելոց են բացել։ Քառասուն զբոսավար։ Ու բոլորը խելագարի պես սիրում են Պուշկինին… Հարց է ծագում՝ ո՞ւր էիք առաջ… Ու հիմա ո՞ւմ եք միահամուռ արհամարհում… Հարցերիս պատասխաններն այդպես էլ չստացա։ Քնեցի… Իսկ երբ արթնացա, ութին մոտ էր։ Կոճղերն ու ճյուղերը սեւին էին տալիս գունատ, մոխրագորշավուն ամպերի ֆոնին… Միջատները կենդանություն էին առել… Սարդոստայինը քսվում էր դեմքիս… Վեր կացա՝ զգալով թրջված հագուստիս ծանրությունը։ Լուցկիներս խոնավացել էին։ Փողը՝ նույնպես։ Իսկ գլխավորը՝ քիչ էր մնացել․ վեց ռուբլի։ Օղու մասին միտքը խուժում էր ամպի պես։ Տուրբազայով գնալ չէի ուզում։ Այդ ժամին այնտեղ զվռնում են մեթոդիստներն ու զբոսավարները։ Ցանկացածը կարող էր արհեստավարժ զրույց սկսել լիցեյի տնօրեն Եգոր Անտոնովիչ Էնգելհարդի մասին։ Ստիպված էի շրջանցել տուրբազան ու անտառով դուրս գալ խճուղի։ Վանքի բակով անցնելուց էլ վախեցա։ Վանական մթնոլորտն արդեն անտանելի է հարբած մարդու համար։ Այնպես որ, լանջն իի վար իջա անտառի ճամփով։ Ավելի ճիշտ՝ զառիվայր կածանով։ Թեթեւություն զգացի միայն «Դյուցազն» ռեստորանի մուտքի մոտ։ Տեղիկ հարբածների ֆոնին խստակյաց էի թվում։ Դուռը բաց էր․ սիլիկատե աղյուս էին դիմհարել։ Նախասենյակում, հայելու կողքին, ցցվել էր մի անհեթեթ փայտե կերպար՝ պաշտոնաթող մայոր Գոլդշտեյնի ստեղծագործությունը։ Պղնձե վահանակի վրա նշված էր․ Գոլդշտեյն Աբրամ Սաուլովիչ։ Ապա՝ չակերտներում․ «Ռուսաստանցին»։ Ռուսաստանցու կերպարը միաժամանակ Մեֆիստոֆելին ու Զադու Յագային էր հիշեցնում։ Փայտե սաղավարտը ներկված էր արծաթագույն գուաշով։ Բուֆետի վաճառասեղանի մոտ խռնվել էին ութ հոգի։ Անձայն՝ սեղանին էին սահում ճմռթված ռուբլիները։ Մանրը զնգոցով ընկնում էր կոտրած շուրթով ափսեի մեջ։ Երկու֊երեք խումբ տեղավորվել էր սրահում, պատի տակ։ Բորբոքված թափահարում էին ձեռքերը, հազում ու ծիծաղում։ Տուրբազայի բանվորներն էին, հոգեբուժարանի սանիտարներն ու անտառարդտնտեսության ձիապանները։ Ավելի հեռվում խմում էր տեղի մտավորականությունը՝ կինոմեխանիկը, ռեստավրատորը, հանդիսավարը։ Դեմքով դեպի պատը նստել էր թիթեռնիկ փողկապով ու հայրենական ջինսով մի անծանոթ տղա։ Շիկավուն գանգուրները թափվել էին ուսերին։ Վաճառասեղանի մոտ հերթս հասավ։ Խումհարի ծանոթ դող էր բռնել։ Թրջված բաճկոնիս տակ թպրտում էր տանջահար, թաց հոգիս… Վեց ռուբլին պետք էր արդյունավետ օգտագործել։ Երկար ձգել։ Մի շիշ պորտվեյն ու երկու շոկոլադի կոնֆետ վերցրի։ Նույնը կարելի էր կրկնել երեք անգամ։ Ու դեռ ծխախոտին էլ քսան կոպեկ կմնար։ Նստեցի լուսամուտի տակ։ Հիմա արդեն կարելի էր չշտապել։ Պատուհանից այն կողմ երկու գնչու մեքենայից հացի արկղեր էին իջեցնում։ Իր մոպեդով լեռնիվեր էր սուրում փոստատարը։ Անտեր շները թավալ էին տալիս փոշու մեջ։ Անցա գործի։ Դրական առումով նկատեցի․ ձեռներս չեն դողում։ Արդեն լավ է… Պորտվեյնը սփռվեց ավետիսի պես՝ աշխարհը ներկելով քնքշության ու ներողամտության գույներով… Առջեւում ապահարզանն է, պարտքերը, գրական ջախջախումը… Բայց կան, ահա, այս հանելուկային գնչուներն՝ իրենց հացով… Երկու թխադեմ պառավները՝ պոլիկլինիկայի մոտ… Խոնավ, մարմրող օրը… Գինին, ազատ պահը, հայրենիքը… Համատարած գվվոցի միջով հանկարծ ականջիս հասավ․ — Խոսում է Մոսկվան։ Խոսում է Մոսկվան։ Դուք լսում եք «Պիոներական լուսաբացը»… Խոսափողի մոտ է մազոտ մարդ Եվստիխեեւը… Նրա խոսքը որպես արժանի պատասխան է հնչում Պենտագոնի ճուռակներին… Հետ նայեցի։ Խորհրդավոր խոսքերը բխում էին կանաչ թիթեռնիկ֊փողկապով երիտասարդից։ Նա առաջվա պես նստել ու չէր շրջվում։ Նույնիսկ թիկունքից երեւում էր, որ հարբած է։ Խոպոպներով պսակված ծոծրակը ագրեսիվ անհամբերություն էր արտահայտում։ Համարյա գոռում էր․ — Իսկ ես ասում եմ՝ ո՛չ… Ո՛չ ասում եմ լկտիացած իմպերիալիստական գիշատիչներին։ Ո՛չ՝ կրկնում են Ուրալի ցելուլյոզի֊թղթի կոմբինատի աշխատավորները… Ո՛չ, չկա կյանքում երջանկություն, թանկագին ռադիոլսողնե՛ր։ Դա ես եմ ասում՝ միակ ողջ մնացած պամֆլիովականս… Եվ նույնն ասում էր Զրադաշտը… Ներկաները սկսեցին ականջ դնել։ Ի դեպ, առանց առանձնակի հետաքրքրության։ Տղան ձայնը բարձրացրեց․ — Ի՞նչ եք աչքներդ չռել, քծիպնե՛ր։ Ուզում եք տեսնել ինչպես է մեռնում Մայկոպի հրետանային գնդի գվարդիայի շարքային վիկոնտ դը Բրաժելո՞նը։ Խնդրեմ, ես կտամ ձեզ այդ հնարավորությունը… Ընկե՛ր Ռապոպորտ, ներս բերեք ձերբակալվածին… Ներկաները հանգիստ արձագանքեցին։ Չնայած «քծիպներն» ակնհայտորեն նրանց էր վերաբերում։ Ինչ֊որ մեկն անկյունից ծույլ֊ծույլ ասաց․ — Վալերան՝ լակած… Վալերան արագ արձագանքեց․ — Հանգստի իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ… Ինչպես Փարիզի ու Բրյուսելի լավագույն տներում… Ուրեմն ինչո՞ւ գիտությունը վերածել աստվածաբանության սպասուհու… Եղեք Քսաներորդ համագումարի նախանշումների մակարդակին… Լսեք «Պիոներական լուսաբացը»… Տեքստը կարդում է Գմիրյան… — Ո՞վ,— հարցրին անկյունից։ — Բարոն Կլեյնմիխելը, հոգի՛ս… Կտրիճի վրա գցած առաջին հպանցիկ հայացքից տագնապի զգացում ունեցա։ Նայում էի թե չէ՝ այդ զգացումն ուժեղանում էր։ Երկարամազ, անհեթեթ ու նիհար՝ նա խելագար ձեւացողի տպավորություն էր թողնում։ Ընդ որում, սեւեռված մեկ նպատակի՝ հնարավորինս արագ հասնել դիմազերծման։ Նա կարող էր հոգեկան հիվանդի տեղ անցնել, եթե չլինեին հաղթական ժպիտն ու սովոր, ամենօրյան խեղկատակության արտահայտությունը։ Մի խորամանկ ու հմուտ լկտիություն էր հնչում նրա խելագար մենախոսություններում։ Թերթային գլխագրերի, կարգախոսների, անհասկանալի մեջբերումների այդ սրտխառնուք առաջացնող խառնուրդում… Այդ ամենը փչացած բարձրախոս էր հիշեցնում։ Կտրիճն արտահայտվում էր հատու, հիվանդագին պաթոսով եւ ինչ֊որ ողբերգական հաստատակամությամբ… Հարբած էր, բայց դրա մեջ էլ խորամանկություն էր զգացվում… Չնկատեցի՝ ինչպես մոտեցավ։ Հենց նոր նստած էր ու չէր շրջվում։ Ու հանկարծ՝ նայում է ուսիս վրայից․ — Ծանոթանանք․ Վալերի Մարկով… Հանրային անդորրի չարամիտ խախտող… — Հա՜,— ասում եմ,— լսել եմ։ — Ոչ այնքան հեռու վայրերում էի։ Ախտորոշումը՝ խրոնիկական հարբեցողություն… Ես հյուրամեծար շարժումով թեքեցի շիշը։ Նրա ձեռքին հրաշքով բաժակ հայտնվեց։ — Մեծապես շնորհակալ եմ,— ասաց։— Հուսամ՝ այս ամենին բարոյական անկման գին է վճարվել։ — Վե՛րջ տուր,— ասացի,— ավելի լավ է՝ արի խմենք։ Ի պատասխան հնչեց․ — Շնորհակալություն հայտնում ու միանում եմ, ինչպես Շեպիլովը… Գինին խմեցինք։ — Բալասան է մեր վերքերին,— ասաց Մարկովը։ — Չորս ռուբլի դեռ կա,— ասում եմ։— Հեռանկարը մշուշոտ է։ — Փողը խնդիր չի,— գոչեց բաժակակիցս։ Նա վեր թռավ ու նետվեց դեպի իր լքված սեղանը։ Վերադարձավ լուսանկարչական թղթի սեւ, ճմռթած ծրարը ձեռքին։ Միջից մի կույտ փող թափեց։ Աչքով արեց, ասում է․ — Անհաշվելի են ադամանդները քարանձավներում… Հետո՝ անսպասելի ամաչկոտությամբ․ — Գրպաններս ցցվում են, տգեղ է… Մարկովը շոյեց ջինսով պրկված ազդրերը։ Ոտքերին լաքապատ համերգային նրբակար կոշիկներ էին։ Ա՜յ քեզ տիպ՝ մտածում եմ։ Այստեղ նա սկսեց իր հոգսերից խոսել․ — Շատ եմ վաստակում… Խումհարից դուրս եմ գալիս ու նորից՝ լիքը փող… Նկարը՝ ռուբլի… Մինչեւ կեսօր՝ երեք տասանոց… Իրիկունը՝ հարյուր… Ու ոչ մի ֆինանսական հսկողություն… Ի՞նչ է մնում… Խմել… Կուրսկի մագնիսային անոմալիայի պես է։ Մի օր բանում ես, մի շաբաթ խմում… Ուրիշների համար օղին տոն է, ինձ համար՝ դաժան առօրյա… Մեկ սթափարան ես ընկնում, մեկ միլիցիա՝ ծերից ծեր դիսիդենտություն… Կինս, իհարկե, դժգոհ է։ Արի, ասում է, կով պահենք… Կամ երեխա… Պայմանով՝ որ չես խմի։ Բայց դեռ ձեռնպահ եմ մնում։ Այսինքն՝ խմում եմ… Մարկովը փողերը նորից խցկեց ծրարը։ Երկու֊երեք թղթադրամ ընկան հատակին։ Ալարեց կռանա։ Ազնվազարմությամբ տղան Միխալ Իվանիչին էր հիշեցնում։ Մոտեցանք վաճառասեղանին, մի շիշ «Աղդամ» վերցրինք։ Ուզում էի վճարեմ։ Ուղեկիցս ձայնը բարձրացրեց․ — Ձեռքերդ հեռո՛ւ սոցիալիստական Կուբայից։ Ես հպարտորեն սեղանին նետեց երեք ռուբլի… Ապշելիք է ռուս հարբեցողը։ Փող ունենալիս էլ մեկ ու քառասունանոց թույնն է նախընտրում։ Մանրը չի վերցնում… Ինքս էլ այդպիսին եմ… Վերադարձանք պատուհանի մոտ։ Ռեստորանում ժողովուրդը զգալիորեն ավելացել էր։ Ինչ֊որ մեկը նույնիսկ հարմոն էր նվագում։ — Ճանաչո՜ւմ եմ քեզ, Ռո՜ւսիա,— գոչեց Մարկովն ու կամացում ավելացրեց։— Ատում եմ։ Ատում եմ էս պսկովյան ժլատներին… Պարդո՜ն, նախ խմենք։ Խմեցինք։ Աղմուկն ուժեղանում էր։ Հարմոնը սուր հնչյուններ էր արձակում։ Նորածանոթս բորբոքված գոռում էր․ — Նայի՜ էս առաջադեմ մարդկությանը։ Էս բութ մռութներին։ Մոռացված նախնիների էս ստվերներին… Ապրում եմ էստեղ ոնց որ լույսի շողը խավարի թագավորությունում… Ա՜խ, ստրկացնե՜ր մեզ ամերիկյան զինվորականությունը։ Գուցե մարդու պես ապրեինք, օրինակ՝ չեխերի… Ափը շխկացրեց սեղանին․ — Ազատություն եմ ուզում։ Աբստրակցիոնիզմ եմ ուզում՝ դոդեկակաֆոնիայով… Գիտե՞ս ինչ… Կռացավ ու խռպոտ շշնջաց․ — Ախպորս ասեմ… Մի գաղափար ունեի՝ պոկվեմ էստեղից ուր աչքս կտրի։