«Ժպիտը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ժպիտը |հեղինակ = Ռեյ Բրեդբերի |աղբյուր = «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» |թարգ...»:)
(Տարբերություն չկա)

23:46, 15 Փետրվարի 2014-ի տարբերակ

Ժպիտը

հեղինակ՝ Ռեյ Բրեդբերի
թարգմանիչ՝ Լևոն Անանյան
աղբյուր՝ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»

Այս առավոտյան ժամը հինգին, երբ եղյամապատ գյուղերում դեռ կանչում էին աքաղաղները և ոչ մի տեղ կրակ չէր նշմարվում, քաղաքի հրապարակում արդեն հավաքվել էր մի հսկա բազմություն։ Ժամը յոթի մոտերքին շենքերի ավերակների վրա կախված մառախուղի պատառիկները հալվեցին վաղորդյան գունատ լույսի մեջ։ Երկու կամ երեք հոգիանոց փոքրիկ խմբերով մարդիկ լցրել էին ճանապարհները, այսօր շուկայի օրն էր և տոնակատարության օրը։

Տղան կանգնած էր զրույցով տարված տղամարդկանց ետևում։ Սրանց ձայները բարձր էին հնչում և թվում էր, թե սառն ու թափանցիկ օդի մեջ բառերը տարածվում են հեռո՜ւ-հեռուները։ Տղան դոփում էր, փչում իր կարմրած ու ճաքճքած ձեռքերին և նայում կեղտոտ քրջեր հագած մարդկանց հսկա բազմությանը, որ հերթ էր կանգնած։

— Է՜յ, պստի՛կ, այսքան վաղ ի՞նչ գործ ունես այստեղ,— հարցրեց նրա ետևում կանգնած տղամարդը։

— Ուզում եմ տեղ բռնել հերթում,— պաաասխանեց տղան։

— Ավելի լավ կլիներ հեռանայիր այստեղից և տեղդ զիջեիր այնպիսի մի մարդու, որը կհասկանար կատարվելիքը։

— Տղայի խաթրին մի՛ կպչիր,― շրջվեց զրուցողներից մեկը:

— Ես կատակեցի,— և մարդը շոյեց տղայի գլուխը։

Տղան բարկացած թափահարեց գլուխը։

— Ուղղակի զարմանում եմ, որ երեխաները այսքան շուտ վեր են կենում իրենց անկողիններից։

— Ստիպված եմ քեզ ասելու, որ այս պստիկին արվեստը հետաքրքրում է,— պատասխանեց տղայի պաշտպանը, որի անունը Գրիգսբի էր։— Ի դեպ, անունդ ի՞նչ է, տղա՛։

— Թո՛մ։

— Ի՛նչ եմ ասում, Թոմ, տե՛ս, որ կարողանաս թքել ինչպես հարկն է, առանց վրիպելու, հը՞։

— Այն էլ ո՜նց։

Հերթի կանգնածները ծիծաղեցին։

Մի քանի քայլ այն կողմ հալից ընկած մի ծերունի ինչ-որ խմիչք էր վաճառում ճաքճքած գավաթներով։ Քիչ հեռվում խարույկ էին վառել, և կրակի վրա, թիթեղյա ժանգոտած ամանում քլթքլթում էր կեղտագույն արգանակը։ Այդ արգանակը բնավ էլ նման չէր սուրճի։ Արգանակը պատրաստում էին քաղաքամերձ մարգագետիններից հավաքած հատապտուղներից և վաճառում գավաթը մի պեննիով։ Արգանակը հրաշալի տաքացնում էր մարդու սառած մարմինը, բայց դա էլ ոչ բոլորի գրպանին էր մատչելի։

Թոմը նայեց առաջ: Հերթն սկսվում էր քարե պատի ավերակների մոտից։

— Լսել եմ, որ կինը ժպտում է,— ասաց նա։

— Ճիշտ է,— պատասխանեց Գրիգսբին։

— Լսել եմ, որ կինը ներկերով է նկարված կտավի վրա։

― Ճիշտ է։ Միայն թե, իմ կարծիքով, դա իսկականը չէ։ Ասում են իսկականը շատ ու շատ վաղուց նկարված է եղել փայտի վրա։

— Ես լսել եմ, որ իբր չորս հարյուր տարի առաջ։

— Գուցե և ավելի: Ո՛վ գիտե, թե հիմա որ թվականն է։

— 2061։

— Ասում են, տղաս, որ 2061, իսկ ասել կարող են ամեն բան։ Փչո՜ց է։ Գուցե հիմա 3000 թվականն է, գուցե՝ 5000, որտեղի՞ց իմանամ։ Այնպիսի ապուր են եփել, որ մեզ ժառանգություն են մնացել միայն բեկորներ ու ավերակներ։

Նրանք դանդաղ առաջ շարժվեցին սալահատակի սառը քարերի վրայով։

— Դեռ երկա՞ր ենք կանգնելու,— անհամարձակ հարցրեց Թոմը։

― Չէ՛, հիմա արդեն՝ չէ՛։ Մի քանի րոպե միայն։ Նրա շուրջը չորս պղնձե սյուն են խփել, թավշյա մի թոկ էլ ձգել են, որպեսզի ժողովուրդը շատ չմոտենա նկարին։ Այնպես որ, տղաս, ականջիդ օղ արա, նկարը քարկոծելն արգելված է։

— Այո, սը՛ր։

Արևն այնքան բարձրացավ, որ շոգը մարդկանց ստիպեց հանել իրենց կեղտոտ վերարկուներն ու ճենճոտ գլխարկները։

— Իսկ ինչո՞ւ ենք հերթ կանգնել,— հարցրեց Թոմը։— Միայն նրա վրա թքելո՞ւ համար։

Գրիգսբին հայացքը հեռացրեց տղայից ու նայեց երկնքին։

— Է՛հ, Թոմ, մեր կանգնելն արժե,— և նա սովորություն դարձած շարժումով ձեռքը տարավ աստված գիտե թե երբ պատռված վերարկուի գրպանը, սիգարեթ հանելու, մի բան, որը վաղուց վերացել և հուշ էր դարձել։

Թոմը հաճախ էր այդպիսի շարժումներ տեսել։

— Տեսնո՞ւմ ես, Թոմ, ինչ խաղ են խաղացել մեր գլխին։ Բանը ոչ թե անցյալից մնացած ժառանգության նկատմամբ ունեցած ատելությունն է։ Կարո՞ղ ես ինձ բացատրել, թե ինչպե՛ս եղավ, որ գլորվեցինք այս վիհը, որտեղ քաղաքների փոխարեն միայն ավերակներ են, ճանապարհները՝ խառնաշփոթ դարուփոսեր, իսկ դաշտերը մինչև հիմա էլ գիշերները լուսարձակվում են ռադիոակտիվությունից։ Ասելս այն է, որ ժամանակին շատ զզվելի ապուր են եփել մարդիկ։

— Այո՛, ճիշտ է, սը՛ր։

— Հենց դրա համար էլ, Թոմ, ատում ենք այն ամենը, ինչ մեզ հասցրել է այս փորձանքին։ Մարդու բնույթն է այդպես։ Գուցե սխալ բան եմ ասում, բայց մարդու բնույթը այդպես է։

— Կարծեմ մենք ատում ենք ամեն բան, առանց բացառության,— ասաց Թոմը։

— Ճիշտ է։ Ատում ենք այն ամբողջ գարշելի ելուզակախումբը, որ ժամանակին կառավարել է աշխարհը։ Սրանց պատճառով է, որ հիմա քաղցած ենք, դողում ենք ցրտից և քարանձավներում ենք պատսպարվել։ Էլ չեմ ասում, որ ոչ խմում ենք, ոչ ծխում, և ոչի՛նչ, ոչի՛նչ չենք անում, բացառությամբ տոնակատարություններին մասնակցելուց։ Այո՛, Թոմ, տոնակատարություններն են միայն մեզ մնացել։

Եվ Թոմը հիշեց, թե ինքը ինչպիսի տոնակատարությունների է մասնակցել անցած տարիներին։ Մի անգամ, հրապարակում, նրանք գրքեր էին պատառոտում և այրում։ Այն ժամանակ բոլորը հարբեցին և զվարճացան մինչև հալից ընկնելը։ Իսկ գիտության տոնի օրը, սրանից մեկ ամիս առաջ, նրանք քարշ տալով հրապարակ բերեցին վերջին ավտոմեքենան։ Մարդիկ վիճակ գցեցին, և նրանց, ում բախտը բերեց, թույլ տրվեց մեկական անգամ ծանր մուրճով հարվածել ավտոմեքենային։

— Ասում ես՝ հիշո՞ւմ եմ այդ տոնակատարությունը, Թոմ։ Իհարկե, հիշում եմ․ այն էլ ինչպե՜ս։ Ախր ինձ բախտ վիճակվեց ջարդուփշուր անել դիմապակին։ Այո՛, այո՛, դիմապակին։ Ուզում ես հավատա, ուզում ես՝ ոչ։ Է՛հ, ինչպիսի՜ զրնգոց դուրս եկավ հա՜. «զը-րը՜նգ»։

Եվ Թոմին թվաց, թե պատմողի ականջներում մինչև հիմա ձայն է տալիս կոտրված ապակու զրնգոցը։

— Իսկ Բիլ Հենդերսոնին հանձնարարեցին շարժիչը տեղահան անել։ Նա տաքացած գործի կպավ և տեղնուտեղը հաշիվը մաքրեց շարժիչի հետ։ «Թըխկ-թրա՜խկ» ու վերջ։ Շատ ավելի հաճելի էր,— հիշեց Գրիգսրին,— երբ ավերում էինք այն ֆաբրիկան, որն ինքնաթիռներ էր արտադրել։ Գործ եմ ասել, հա՜. հիմա էլ հիշելուց մարդու հոգին փառավորվում է,— շարունակեց նա։— Իսկ հետո հարձակվեցինք տոլարանի և զինվորական պահեստի վրա։ Մի վայրկյանում հօդս ցնդեցրինք։ Հիմա հասկացա՞ր, տղա՛։

Թոմը փոքր֊ինչ մտածեց։

— Կարծես թե հասկացա,— ասաց նա։

Արևն արդեն կախվել էր զենիթում։ Քաղաքի ավերակներից տարածվեց գարշահոտությունը։ Շինություններից մնացած բեկորների վրա սկսեցին ինչ-որ արարածներ սողալ։

— Նա այլևս չի՞ վերադառնա, հը՞, միստր։

— Ո՞վ: Քաղաքակրթությո՞ւնը... Ո՞ւմ է պետք։ Համենայն դեպս, ես դրա կարիքը չեմ զգում։

— Այդ քաղաքակրթության մեջ ինչ֊որ մի լավ բան կար, որն իմ սրտովն է,— նկատեց ետևում կանգնած մարդը։— Մի բան կար, որն այնքան էլ վատ չի եղել։

― Այդ մասին բավական է շաաախոսեք,— ընդհատեց նրան Գրիգսբին։— Ինչ որ եղել է՝ եղել է ու անցել։

— Համենայն դեպս,— ասաց ետևում կանգնած մարդը,— կգա ժամանակ և ուսերին գլուխ ունեցող մի երիտասարդ կհայտնվի ու կջանա վերանորոգել ջարդուփշուր եղած քաղաքակրթությունը։ Սիրտ ու հոգի ունեցող մարդ կլինի նա, հիշեցեք խոսքս։

— Ո՛չ, չի հայտնվի,— ասաց Գրիգսբին։

— Իսկ ես ասում եմ, որ կհայտնվի։ Գեղեցիկը սիրող մի մարդ։ Եվ գուցե նա մեզ համար ետ կբերի կորած քաղաքակրթությունը։ Իհարկե, ոչ այն ամենը, ինչ եղել է անցյալում, բայց գոնե դրա մի մասը, այն մասը, որի շնորհիվ հնարավոր լինի խաղաղ ապրել։

— Այ, տեսնո՞ւմ ես։ Եվ մինչև դու գլխի կընկնես, թե ինչ կատարվեց, կսկսվի մի նոր պատերազմ։

— Իսկ ես հավատում եմ, որ այս անգամ ամեն բան ուրիշ ընթացք կունենա...


* * *

Վերջապես հերթը հասավ մինչև գլխավոր հրապարակը։ Այստեղից մարդիկ տեսան, թե ինչպես քաղաք մտավ թղթե փաթեթը ձեռքին մի հեծյալ։ Հրապարակի կենտրոնը թոկապատնեշով էր շրջափակված։ Թոմը, Գրիգսբին և մյուսները, բերաններում թուք հավաքելով, դանդաղ շարժվեցին դեպի սյուները։ Չռված աչքերով նրանք նայում էին կտավին և պատրաստ էին ամեն անակնկալի։ Թոմը զգաց, թե ինչպես արագ ու տագնապով է զարկում սիրտը, թե ինչպես է շիկացած հողն այրում իր մերկ կրունկները։

— Դե՛, Թոմ, սկսենք։

Պատնեշված հարթակի անկյուններում կանգնել էին չորս ոստիկան։ Նրանցից յուրաքանչյուրի թևին մի դեղին կապ կար՝ մարդկանց վրա իշխանություն ունենալու խորհրդանիշը։ Ոստիկանները հետևում էին ամբոխին․ հանկարծ մեկնումեկի խելքին չփչի քարկոծել նկարը։

— Նրանք կանգնած են, որպեսզի բոլորը կարողանան տեսնել կտավը։ Հանկարծ նեղացող չլինի։ Հասկացա՞ր,— տղային ասաց Գրիգսբին։— Իսկ հիմա գնանք առաջ։

Թոմը կանգնեց նկարի առջև ու երկար, ուշադիր նայում էր նրան։

— Թքի՛ր, Թոմ։

Թոմի բերանը չորացել էր։

— Դե՛, քեզ եմ ասում։

— Բայց նա ախր․․․— դանդաղ ասաց Թոմը,― ախր նա շատ գեղեցիկ է։

— Է՜հ, Թո՛մ, թույլ տուր ես քո փոխարեն էլ թքեմ։

Գրիգսբին ուռցրեց թշերը, և թուքը արկի պես փայլատակեց արևի ճառագայթների տակ։

Կտավի վրա նկարած կինը ժպտում էր Թոմին իր խորհրդավոր, անխռով ժպիտով, իսկ Թոմը կանգնել, նայում էր նրան։ Տղայի սիրտն սկսեց ավելի արագ բաբախել, իսկ ականջներում հնչեց մի մեղեդի։

— Նա գեղեցիկ է,— կրկնեց Թոմը։

— Դե՛, շուտ արա, թե չէ ոստիկանությունը․․․

— Զգա՛ստ։

Ամբոխը խաղաղվեց։ Մարդիկ, որ քիչ առաջ դժգոհում էին Թոմից, թե նա ինչու է այդպես քարացել տեղում, հիմա հնազանդորեն շրջվեցին հեծյալի կողմը։

— Սը՛ր, ինչպե՞ս է նրա անունը,— կիսաձայն հարցրեց Թոմը Գրիգսբիին։

— Նկարի՞։ Կարծեմ Մոննա Լիզա, Թոմ։ Այո՛, Մոննա Լիզա։

— Կարդում եմ հայտարարությունը,— ասաց հեծյալը։— «Իշխանությունների որոշման համաձայն, այսօր, ճիշտ կեսօրին, դիմանկարը կտրվի ազգաբնակչությանը, որպեսզի բոլոր տեղացիները կարողանան մասնակցություն ունենալ այն պատառոտելու գործին»։

Մինչև Թոմը կսթափվեր, ամբոխը առաջ նետվեց, իր հետ քարշ տալով տղային։ Մարդիկ ճչում, աղաղակում և հրմշտում էին իրար։ Ոստիկանությունը խրվեց ամբոխի մեջ։ Բարձրացավ կատաղի, բազմաձայն մի վայնասուն։ Ձեռքերը, ագահ անգղների պես, ձգվեցին դեպի նկարը։ Լսվեց պատռվող կտավի չոր ճթճթոցը։ Թոմն զգաց, թե ինչպես իրեն մղեցին ուղիղ դեպի շրջանակը։ Ընդօրինակելով մյուսներին, նա ևս մեքենաբար մատների տակ առավ կտավի մի մասն ու թափով ձգեց։ Լսվեց ճայթյուն, հետո տղան ընկավ գետնին և ինչ-որ մեկի ոտքերի տակից գլորվեց դեպի սահմանազատված հարթակի եզրը։

Ոտքի կանգնեց։ Պատառոտված հագուստներով և արյունլվիկ Թոմը նայում էր, թե ինչպես են տղամարդիկ ջախջախում շրջանակը, ինչպես են պառավները պատառ-պատառ անում կտավը և ապա ծամում իրենց անատամ բերաններով։

Թոմը միայնակ էր այդ դիվահար ամբոխի մեջ: Կրծքին սեղմած՝ նա բռնել էր կտավի պատառիկը։

— Է՜յ, Թո՛մ, ո՞ւր կորար,— բղավեց Գրիգսբին ։

Բայց Թոմը չպատասխանեց։ Շրջվեց ու սկսեց փախչել։ Դուրս եկավ ռումբերի ձագարներով ծածկված մեծ ճանապարհի վրա, թեքվեց դեպի դաշտը, անցավ սակավաջուր գետակը և շարունակեց վազել առանց ետ նայելու, վազել՝ ցավելու չափ սեղմած բռունցքը վերարկուի տակ թաքցրած։

Արդեն իրիկնանում էր, երբ նա հասավ գյուղակին. կտրեց-անցավ գյուղակը և ժամը իննին մոտ, վերջապես, հասավ կիսաքանդ ֆերմային։ Առաջներում որպես ցախատուն ծառայող և հիմա կանգուն մնացած միակ շինության ներսից խռմփոց էր լսվում։ Այնտեղ քնած էին Թոմի հարազատները՝ մայրը, հայրը և եղբայրը։ Թոմը ճարպկորեն սողոսկեց նեղլիկ դռան միջով և ծանր հևալով, պառկեց եղբոր կողքին։

— Դո՞ւ ես, Թոմ,— խավարում լսվեց մոր ձայնը։

— Ես եմ։

— Ո՞ւր էիր կորել,— փնթփնթաց հայրը։ — Սպասի՛ր, ես քեզ հետ առավոտյան կխոսեմ։

Ինչ-որ մեկը մշտեց Թոմին։ Եղբայրն էր, որին այսօր ստիպել էին Թոմի փոխարեն աշխատել փոքրիկ հողամասում։

— Չկռվե՛ք,— բարկացավ մայրը։

Թոմը պառկել և ջանում էր ծպտուն չհանել․ նա ամբողջ ուժով կրծքին էր սեղմել ձեռքը։ Եվ այդպես նա մոտ կես ժամ պառկեց, պառկեց անշարժ, աչքերը փակ։

Հետո նա զգաց, թե ինչպես է դեմքի վրայով սահում լույսի ճառագայթը։ Սառը, գունատ լույսի ճառագայթը։ Լուսինն էր սողում երկնակամարով, և նրա նիհարիկ ճառագայթը տանիքի ճեղքից հասել էր Թոմին։ Ականջ դնելով քնածների շնչառությանը, Թոմն զգուշորեն դուրս հանեց ձեռքը։ Նա դեռ երկմտանքի մեջ էր, հետո, շունչը պահած, բացեց բռունցքը և խնամքով հարթեց ներկված կտավի պատառիկը։

Թոմի ափի մեջ մի ժպիտ կար։

Թոմը նայում էր գիշերային երկնքից հոսող գունատ լույսով լուսավորված ժպիտին ու մի բանի մասին էր մտածում միայն. «ժպի՜տ։ Ի՜նչ գեղեցիկ ժպիտ է»։ Հետո, երբ կտավի պատառիկը խնամքով ծալել ու թաքցրել էր, Թոմը փակեց աչքերը, և խավարում նրա առջև կրկին հարյավ ժպիտը։

Հետո Թոմը քնեց։ Լուսինը շարունակում էր սողալ գիշերային սառը երկնակամարով։ Եվ առավոտյան լուսինը ցած սահեց երկնակամարից։ Իսկ Թոմը դեռ քնած էր։ Եվ Թոմի հետ էր քնքուշ ու բարի ժպիտը։