«Կնոջ ճիչը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Կնոջ ճիչը |հեղինակ = Ռեյ Բրեդբերի |աղբյուր = «Կնոջ ճիչը» |թարգմանիչ = Կ. Սա...»:)
(Տարբերություն չկա)

00:00, 16 Փետրվարի 2014-ի տարբերակ

Կնոջ ճիչը

հեղինակ՝ Ռեյ Բրեդբերի
թարգմանիչ՝ Կ. Սահակյանը (ռուսերենից)
աղբյուր՝ «Կնոջ ճիչը»

Ինձ անվանում են Մարգարետ Լիրի։ Ես 10 տարեկան եմ և սովորում եմ մեր տարրական դպրոցի վերջին դասարանում: Քույր ու եղբայր չունեմ, սակայն հիանալի հայրիկ ու մայրիկ ունեմ. բայց նրանք ինձ հետ զբաղվել չեն սիրում։

Մեր մտքով առհասարակ չէր անցել ինչ-որ սպանված կնոջ մասին, մի փոքր անգամ չէր անցել։

Երբ ապրում ես այնպիսի փողոցում, ինչպիսին մեր փողոցն է, դժվար է սարսափելի պատմության հավատալը, թե մարդուն կարող են գնդակահարել, կամ մորթել ու թաղել, այն էլ հենց ձեր բանջարանոցում։ Բայց այնպիսի բաներ են պատահում, որ մարդիկ չեն ուզում հավատալ, և ոչ ոք մատը-մատին անգամ չի ուզում խփել։ Այ, լսեցեք, թե ինչպես դա պատահեց։ Հուլիսյան մի շոգ օր էր։ Մայրիկս ինձ ասաց.

— Մարգարետ, վազիր կրպակ ու պաղպաղակ գնիր։ Այսօր շաբաթ է, հայրիկր երբ աշիսատանքից վերադառնա, ճաշին մենք քաղցրավենիք կունենանք։

Ես վազեցի մեր տան ետևում գտնվող աղբանոցի միջով, այն աղբանոցի, որտեղ պատերազմի ժամանակ ռումբ էր ընկել։ Մեծ-մե՜ծ աղբանոց է, որտեղ մինչև հիմա էլ կոտրտված ապակիներ ու փալաս-փուլուս է թափված. երեխաները դեռ շարունակում են այնտեղ խաղալ: Հենց այդպես էլ ամեն ինչ պատահեց, երբ պաղպաղակը ձեռքիս վերադառնում էի տուն` մտածելով իմ առօրյա գործերի մասին:

Լսեցի` ինչ-որ կին ճչում է:

Ես կանգնեցի և ականջ դրի։ Ձայնը կարծես գետնի տակից էր գալիս։ Թվաց, թե ինչ որ կնոջ վրա քարեր, ապակիներ, աղբ են լցրել ու նա հուսահատ ձայնով աղաչում է, որ իրեն հանեն այդտեղից։ Ես վախից չեմ կարողանում տեղիցս շարժվել, իսկ նա ճչում է, հա ճչում` այնպիսի խուլ ձայնով։

Հետո ես պոկվեցի տեղիցս, սայթաքեցի, ելա ու նորից սկսեցի վազել։

Բացեցի մեր դուռն ու տեսա մայրիկիս։ Կանգնել է ու գաղափար անգամ չունի, որ մեր տան ետևում, մի հարյուր յարդ հեռավորության վրա, իսկական, կենդանի կին է թաղված, և որ նա բղավում է այնպես, կարծես մորթում են։

- Մայրիկ,— ասում եմ։

- Դե, դու ի՞նչ ես այդտեղ փայտացել, ամբողջ պաղպաղակը կհալվի,— փնթփնթում է մայրիկս։

- Բայց, մայրիկ...

- Սառնարանի մեջ դիր,— ասում է նա։

— Լսիր, մայրիկ, այնտեղ ինչ-որ կին է ճչում...

– Եվ չմոռանաս ձեռքերդ լվանալ,— պատասխանում է մայրիկը:

— Նա ճչում է, հա ճչում։

- Իսկ հիմա անհրաժեշտ է աղ անել և տաքդեղ ցանել,— սենյակի հեռավոր անկյունից լսվում է նրա ձայնը։

— Լսիր, մայրիկ,— այս անգամ բարձրաձայն ասում եմ ես,— մենք պետք է նրան այնտեղից հանենք։ Նրա վրա լեռան չափ հող են լցրել, և եթե չհանենք, շունչը կկտրվի ու կմեռնի։

— Հավատացած եմ, նրա հետ ոչինչ չի պատահի, քանի դեռ մենք ճաշում ենք,— պատասխանում է մայրիկս։

— Մայրիկ, մի՞թե դու ինձ չես հավատում։

— Իհարկե, հավատում եմ, բալիկս, իսկ հիմա գնա, ձեռքերդ լվա և այս ափսեն տուր հորդ։

— Չգիտեմ, թե ո՞վ է նա և որտեղից է,— ասում եմ ես,— բայց մենք, քանի դեռ ուշ չէ, պետք է նրան օգնենք։

— Աստված իմ,— բացականչում է մայրիկս, — հլա մի նայեցեք այս պաղպաղակին, դու դիտմամբ կանգնեցիր արևի տակ, որպեսզի այն հալվի։

— Այնտեղ, քանդված աղբանոցում...

— Դե, բավական է, սիրելիս, մարշ դեպի ճաշասենյակ։ Ես գնացի ճաշասենյակ։

— Հայրիկ, այնտեղ՝ քանդված աղբանոցում, ինչ-որ կին է ճչում...

— Կյանքումս չեմ հանդիպել այնպիսի կնոջ, որն առանց ճչոցի յոլա գնար,— պատասխանում է նա։

— Չէ, ճիշտ եմ ասում,— խոսում եմ ես։

— Ինչ-որ մտահոգ տեսք ունես,— նկատում է հայրիկս։

— Հարկավոր է բահ ու քլունգ վերցնել, գնալ, նրան հողի տակից հանել, ինչպես եգիպտական մումիային,— ասում եմ ես։

— Ես հնէաբանական պեղումներ կատարելու մտադրություն չունեմ։ Մարգարետ,— ասում է հայրիկս,— մանավանդ այսօր չափազանց շոգ է: Այ հոկտեմբերյան մի զով օր կարող ենք քեզ հետ այդ արշավախումբը կազմակերպել:

— Չի կարելի այդքան շատ սպասել, — գրեթե ճչում եմ ես։ Սիրտս կարծես կտոր-կտոր է լինում։ Ես այնպե՜ս հուզվում եմ, այնպե՜ս վախենում, իսկ հայրիկս ինձ կարծես չի նկատում։

— Հայրիկ, հայրիկ,— ասում եմ ես։

– Ի՞նչ։

— Հայրիկ, ճաշից հետո դու անպայման պետք է գաս և օգնես ինձ,— ասում եմ ես։ — Հայրիկ, այ հայրիկ, ես իմ խնայատուփի բոլոր փողերը քեզ կտամ։

— Ահա թե ինչ,— զարմացավ հայրիկս,— դու ինձ գործնական առաջարկություն ես անում, հա՞։ Լուրջ գործ է երևում, քանի որ դու պատրաստ ես խնայած բոլոր դրամներդ զոհաբերել: Ո՞րքան ես ինձ վճարելու յուրաքանչյուր ժամի համար։

— Ես տասը շիլինգ ունեմ, մի տարվա ընթացքում եմ կուտակել: Խնդրեմ, կարող ես բոլորը քեզ վերցնել։

Հայրիկս շոյեց իմ ձեռքը:

— Ես զգացված եմ, աստված վկա, զգացված եմ: Դու ուզում ես ինձ հետ խաղալ և իմ ժամանակի համար վճարել ինձ։ Ազնիվ խոսք, Մարգարետ, դու քո ծեր հայրիկին ստիպում ես կարմրել։ Դե, ես էլ, ճիշտն ասած, քիչ եմ զբաղվռւմ քեզ հետ։ Ինչ արած, ճաշից հետո առանց վարձի կգամ և կլսեմ քո ճչացող կնոջը։

— Դու կգա՞ս, իրոք, կգա՞ս։

— Այո,— պատասխանում է հայրիկս,— բայց նախօրոք պետք է խոսք տաս:

— Ի՞նչ:

— Ես քեզ հետ կգամ, եթե դու ուտես ամբողջ ճաշը:

— Խոստանում եմ,— համաձայնվում եմ ես։

Այդ պահին ներս մտավ մայրիկը, նստեց սեղանի մոտ, ու մենք սկսեցինք ճաշել:

— Ես անձամբ,— ասում է հայրիկը,— ձեր թույլտվությամբ ուզում եմ հանգիստ նստել, ճաշակել բիվշտեքս և պաղպաղակ, խմել սառր գարեջուր: Այդ արարողության համար հարկավոր է մի ամբողջ ժամ:

Ճաշկերույթը տևեց միլիոն տարի... Ես այնպես էի ուզում բղավել:

— Հերիք է ձգձգեք։ Դե, աղաչում եմ, վեր կացեք, շուտ։ Ամբողջ այդ ժամանակ, երբ մեզ համար նստել ու ճաշ էինք խժռում, ճչացող կինը մեն-մենակ պառկած էր աղբանոցում: Եվ ամբողջ աշխարհն էր ճաշ խժռում, դատարկ երկնքով գլորվում էր շիկացած արևը, իսկ քանդված աղբանոցում կենդանի շունչ անգամ չկար։

— Ահա և վերջ,— ասաց հայրիկս, երբ ճաշն ավարտեցինք:

— Ուրեմն, հիմա կգա՞ս ճչացող կնոջը տեսնելու,— հարցրի ես։

— Չէր խանգարի, եթե սկզբից սառը գարեջուր խմեի,— պատասխանեց հայրիկս։

— Հա, ի միջի այլոց, ճչացող կանանց մասին,— նկատեց մայրիկս։ — Չարլի Նեսբիտը և նրա կինը երեկ երեկոյան կռվել են։

— Հին պատմություն է,— ասաց հայրիկս։—Նրանք միշտ կռվում են։

— Իմ կարծիքով, եթե ուզում ես իմանալ,- առարկեց մայրիկս,- այդ Չարլին անպետք մարդ է, կինն էլ մի բարի պտուղը չէ:

— Դա արդեն չգիտեմ,— առարկեց հայրիկս,— Բայց, իմ կարծիքով, կինը այնքան էլ վատը չէ։

— Դու կանխակալ կարծիք ունես։ Համենայն դեպս, քիչ մնաց որ նրա հետ ամուսնանայիր։

— Էլի դու քոնն ես քշում։ Ես նրա հետ վեց շաբաթ նշանած եմ եղել և ուրիշ ոչինչ։

— Եվ ճիշտ արեցիր, որ նրանից հեռացար։

— Դե լավ, դու հո գիտես Էլենին. նա ուշքն ու միտքը տվել էր բեմին։ Իսկ ես այդ բաների համար ժամանակ չունեի։ Բայց, այնուամենայնիվ, նա լավիկն էր։ Դուրեկան էր, բարի հոգու տեր։

— Եվ ի՞նչը ստիպեց նրան ամուսնանալ այդ սրիկա Չարլիի հետ։

— Հայրիկ,— նորից սկսեցի ես։

— Չէ որ ես քեզ ասացի։ Այո, Չարլին սարսափելի բնավորություն ունի,— շարունակեց հայրիկս։— Հիշո՞ւմ ես, մեր դպրոցական պիեսը, որտեղ Էլենը հերոսուհու դերն էր կատարում։ Չքնաղ էր, իսկ և իսկ գեղեցկուհի։ Նույնիսկ իր դերակատարման համար երգ էր հորինել։ Այն ժամանակ ինձ համար էլ էր երգ հորինել։

— Հա՞,— ասաց մայրիկը։

- Ծիծաղելու ոչինչ չկա։ Շատ լավ երգ էր։

— Դու ինձ երբեք ոչ մի երգի մասին էլ բան չես ասել։

— Այդ մասին միայն ես ու Էլենը գիտենք։ Սպասիր, սպասիր, ինչպե՞ս էր այն...

- Հայրիկ,— ձայն տվեցի ես։

— Ավելի լավ է աղջկադ հետ գնա քանդված աղբանոցը,— ասաց մայրիկը,— թե չէ նա իրեն վատ է զգում: Այդ սքանչելի երգը ուրիշ անգամ կերգես։

— Դե լավ, գնանք,— ասաց հայրիկս, և ես դուրս վազցի տնից՝ իմ ետևից քաշելով նրան։ Աղբանոցում առաջվա նման ոչ մի մարդ չէր երևում...

— Դե, որտե՞ղ է այդ ճչացող էակը,— ծիծաղեց հայրիկը։

— Վա՜յ, բահը մոռացանք տանը։

— Մենք դեռ կհասցնենք վերադառնալ, սկզբից արի լսենք այդ մեներգչուհուն,— ասաց հայրիկը։

Ես նրան տարա հենց այն տեղը։

— Այ, լսիր,— ասացի ես։ Մենք ականջ դրեցինք։

— Ես ոինչ չեմ լսում,— վերջապես արտասանեց հայրիկը։

— Սո՜ւս,— ասացի ես,— սպասիր։ Մենք նորից սկսեցինք ականջ դնել։

— Հե՜յ, ճչացող կին, արձագանքեցեք,— ձայն տվեցի ես։ Երկնքում գլորվում էր արևը, քամին հազիվ շարժում էր ծառերի կատարները, հեռվում սուլեց շոգեքարշը։ Այլևս՝ ոչ մի ձայն։

— Մարգարետ,— ասաց հայրիկս,— հենց այստեղ միստեր Քելլին երեկ աղբի համար մի փոս էր փորել։

— Իսկ գիշերը ինչ-որ մեկը եկել և միստեր Քելլիի փոսի մեջ թաղել է կնոջն ու հող լցրել։

— Դե, ինձ համար դա բավական է, ես վերադառնում եմ տուն,— ասաց հայրիկս։

— Ուրեմն, դու ինձ չե՞ս օգնում, որ փորենք։

— Դու ևս այստեղ անելիք չունես,– ասայ հայրիկը։— Արևն ուղղակի այրում է։

Հայրիկը գնաց։ Ես լսեցի, թե ինչպես նրա ետևից շրխկած աստիճանների վրայի դաոը։ Ես ոտքս գետնին խփեցի, սատանան տանի։

Կինը նորից սկսեց ճչալ։ Այժմ նա ձայն էր տալիս միալար։

Գուցե այն ժամանակ նա հոգնել էր ու հավաքում էր ուժերը, իսկ հիմա ճչում էր ի՛նձ, հատկապես ի՛նձ համար։

Կանգնել էի այդ աղբանոցում և զգում էի, թե ուր որ է լաց կլինեմ։ Վաղեցի դեպի տուն և սկսեցի թակել դուռը։

— Հայրիկ, նա դեռ ճչում է։

— Դե, իհարկե,— ասաց հայրիկս,— արի ինձ մոտ։ — Նա բռնեց թևիցս և տարավ ննջարան։—Այ, այստեղ։ — Ինձ պառկեցրեց անկողնում։ Գլխիս թաց շոր դրեց։ — Իսկ այժմ հանգստացիր։

Ես արցունքոտ աչքերով խնդրում էի նրան.

— Վայ, հայրիկ ջան, չի կարելի նրան այդպես թողնել։ Չէ որ նա ամբողջովին թաղված է։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ սարսափելի բան է, երբ դու ճչում ես, իսկ ոչ ոք ուշադրություն չի դարձնում։

— Ես քեզ արգելում եմ տնից դուրս գալ,— անհանգստացած ձայնով ասաց հայրիկը։— Եվ չհամարձակվես մինչև երեկո տեղիցդ վեր կենալ։ — Նա սենյակից դուրս եկավ և բանալիով փակեց այն։ Ես լսեցի, թե ինչպես նա մայրիկին ինչ-որ բան է ասում։

Հետո ես էլ լաց չեղա, անկողնուց ելա և ոտքերիս թաթերի վրա մոտեցա պատուհանին։ Հետո վերցրի սավանը, մի ծայրը կապեցի մահճակալին, իսկ մյուս ծայրը կախեցի պատուհանից ցած։ Բարձրացա պատուհանի վրա, սավանից բռնած սահեցի ցած և ցատկեցի գետնին։ Վազեցի մարաք, վերցրի երկու բահ և սլացա դեպի աղբանոց։ Արևն այրում էր առաջվա նման, ես սկսեցի փորել. ամբողջ ժամանակ, երբ ես փորում էի, կինը մի վայրկյան անգամ չէր դադարում ճչալ։ Շատ չարչարվեցի։ Փորում ես բահով, բայց այնտեղ քարեր են ու ապակիներ։ Երևի, մի ամբողջ օրում ես չկարողանայի գործից գլուխ հանել։ Իսկ ի՞նչ անել. վազե՞լ, մարդկանց օգնության կանչե՞լ։ Բայց չէ որ նրանք ինձ չէին հավատա, ինչպես հայրիկս ու մայրիկս։ Դրա համար էլ միայնակ փորում էի ու փորում։

Հետո մի տասը րոպե հետո քանդված աղբանոցում երևաց Դիպպի Սմիթը։ Նա մեր դպրոցից էր ու իմ հասակակիցը։

— Հելլո՜, Մարգարետ,— ասաց Դիպպին։

— Հելլո, Դիպպի,— շնչակտուր պատասխանում եմ ես։

— Դու այստեղ ի՞նչ ես անում,— հարցնում է նա։

— Փորում եմ։

— Իսկ ինչո՞ւ։

– Այնտեղ, գետնի տակ ինչ-որ կին է ճչում, իսկ ես ուզում եմ նրան հանել:

— Բայց ինչո՞ւ ես ոչինչ չեմ լսում,— ասում է Դիպպին։

— Նստիր, մի քիչ սպասիր՝ կլսես։ Բայց, ավելի լավ է, օգնիր, միասին փորենք։

— Մինչև ես չլսեմ, չեմ փորի,— ասում է նա։

Սպասեցինք:

— Վա՜յ,— ճչացի ես,— հիմա լսեցի՞ր։

— Այ, հիանալի է,— ասում է Դիպպին, նրա աչքերը փայլատակում են, դե մի անգամ էլ սկսիր։

— Ի՞նչը:

— Էլի ճչա։

— Հարկավոր է սպասել,— ասում եմ ես՝ չիմանալով, թե ի՞նչ է ակնարկում նա։

— Դե սկսիր,— Դիպպին քաշում է իմ ձեռքը,— դե, ևս մեկ անգամ,— հետո գրպանից հանում է մի փոքրիկ գնդակ ու մեկնում ինձ.

— Առ, վերցրու։ Սա ես քեզ կնվիրեմ, եթե դու մեկ անգամ էլ ճչաս...

Գետնի տակից դարձյալ լսվեց ճիչը։

— Մի սրան տես է,— աղմկում է Դիպպին,— ինձ էլ սովորեցրու, հա՞։

— Եթե դու ինձ օգնես, որպեսզի փորենք, ես հետո քեզ ամեն ինչ կպատմեմ,— ստում եմ ես, որովհետև իրոք ուզում էի, որ նա ինձ օգներ։

— Լավ, ասում է նա,- տուր այստեղ բահը։

Երկուսով սկսեցինք փորել, և կինն էլի սկսեց անհանգստանալ։

— Այ, թե բղավում է, հա՜,— ասում է Դիպպին,—թվում է, թե հենց ուղիղ ոտքերիդ տակ է։ Բայց կեցցես դու, Մեգգի։— Եվ հետո հարցնում է։— Իսկ ինչպե՞ս են նրան կոչում։

— Ո՞ւմ։

— Ճչացող կնոջը։ Հարկավոր է նրա համար մի անուն հնարել։

— Ա՜խ, հա՜,— մի պահ ես մտածեցի,— նրան կոչում են Շարլոտա Թութլ։ Հարուստ պառավ է, 96 տարեկան, իսկ նրան թաղել է Սպայկ անունով մի մարդ, որը 5 ֆունտանոց դրամներ է կեղծել։

— Հիմարություն է, — ասում է Դիպպին։

— Կնոջ հետ միասին թաղված է գանձը, իսկ ես գերեզմանային գողն եմ ու եկել եմ գանձերի ետևից,—շնչակտար բլբլացրի ես:

Դիպպին ցուցամատների ծայրով աչքերը դարձրեց չինացիների աչքերի նման և խորհրդավոր հարցրեց.

— Իսկ ես նմա՞ն եմ գերեզմանային գողի։

Մենք փորում էինք, հա փորում, և իմ գլխից չէր հեռանում այն միտքը, թե կհասցնե՞նք, արդյոք, փրկել նրան... Միայն թե չդադարեցնեինք փորելը։

— Հե՜յ, ես մի բան եմ մտածել,— ասաց Դիսրդին։ Նա մի կողմ վազեց և վերադարձավ՝ ստվարաթղթի մի կտոր ձեռքին։ Հետո կավիճով ինչ-որ բան գծեց վրան։

— Փորիր,— ասում եմ ես,— հարկավոր չէ դադար առնել։

— Չես տեսնում, ես ցուցանակ եմ սարքում՝ Սլամբերվիլյան գերեզմանատուն։ Այստեղ տուփերի մեջ կարելի է թոչուններ և միջատներ թաղել։ Ի՞նչ կասես, որ ես հիմա գնամ, թիթեռներ որսամ։

— Վե՛րջ տուր, Դիպպի։

— Այնտեղ հետաքրքիր կլինի։ Գուցե սատկած կատվի քարշ տանք այստեղ, հը՞։

— Դիպպի, խնդրում եմ, վերցրու բահը:

– Օ՜ֆ, ես հոգնել եմ, ավելի լավ է գնամ տուն, հանգստանամ։

– Հիմա չի կարելի գնալ։

— Ինչո՞ւ։

— Լսիր Դիպպի, ես քեզ ուզում եմ մի բան ասել։

– Ի՞նչ,— նա բահը ոտքով նետեց մի կողմ։

— Այստեղ, իրոք, իսկական կին է,— փըսփըսացի նրա ականջին։

— Դե, ի՞նչ անենք, որ թաղված է,— ասում է նա,— չէ որ դու ինքդ արդեն ասել ես ինձ, Մեգգի։

— Բայց, ախր, դու ինձ չես հավատում։

— Չէ, դու միայն ինձ ասա, թե ինչպես ես ուրիշ ձայն հանում. միայն այդ դեպքում ես կշարունակեմ փորել։

— Ինչպե՞ս թե` ձայն հանում, ախր, դա ես չեմ ճչում,— պատասխանում եմ ես։

— Այ, Դիպպի, ես հեռու կկանգնեմ, իսկ դու այստեղ լսիր։ Կինը դարձյալ ճչաց։

— Չի կարող պատահել։ Ուրեմն, իրոք, այստեղ կին կա թաղված։

– Ախր, ես քեզ ասացի...

— Դե, հլա մի բեր, սկսենք փորելը,— ասում է Դիպպին։

Տսան րոպե շարունակ մենք փորեցինք։

— Տեսնես ո՞վ է այնտեղ,— ասում է Դիպպին։

— Դա արդեն չգիտեմ։

— Հանկարծ պարզվի, որ դա միսսիս Նելսոնն է։

— Կամ միսսիս Թերները, կամ միսսիս Բրեդլին։ Հեաքրքիր է, նա գեղեցի՞կ է, թե ոչ։ Տեսնես մազերը ի՞նչ գույնի են։ Իսկ ի՞նչ ես կարծում, քանի՞ տարեկան կլինի՝ երեսո՞ւն, իննսո՞ւն, կամ վաթսո՞ւն։

— Փորիր,- ասում եմ։ Եվ թվում է, թե հողի թումբը ավելանում է, հա ավելանում։

— Հետաքրքիր է, նա մեզնից շնորհակալ կլինի, որ իրեն հանում ենք։

— Երևի, շնորհակալ կլինի։

— Մի շիլինգից ավել չի տա, դու ի՞նչ ես կարծում։

— Շատ կտա, կարող է նույնիսկ տասը շիլինգ չափսոսալ։

Դիպպին փորում է և հետն էլ խոսում.

— Մի անգամ հրաշքների մասին ես գիրք եմ կարդացել: Այնտեղ մի հնդիկ բոլորովին մերկ մտել է գերեզման և քնել 60 օր։ Ամբողջ ժամանակ ոչինչ չի կերել` ոչ կոնֆետ, ոչ պաղպաղակ, ոչ կարկանդակ։ Ամբողջ 60 օր նա ապրել է առանց օդի։—Այստեղ Դիպպին ծամածռեց դեմքը։— Սարսափելի կլինի, եթե հետո պարզվի, որ ռադիոն է այդպես խոսում։

— Դա հիանալի կլինի. ռադիոն կվերցնենք։ Այդ պահին մեր կողմը եկավ ինչ-որ ստվեր։

— Այդպես, այդպես, երեխաներ, այստեղ ինչո՞վ եք զբաղված դուք։

Մենք շրջվեցինք և տեսանք միստեր Քելլիին՝ քանդված աղբանոցի տիրոջը։

— Ա՜, բարև ձեզ, միստեր Քելլի,— ասացինք մենք։

— Դե, ահա թե ես ի՞նչ եմ ձեզնից ուզում,— ասաց միստր Քելլին,— ես ուզում եմ, որ դուք վերցնեք բահերը և այդ փոսը նորից լցնեք հողով։

Սիրտս կրկին սկսեց ծակել, ամո՜ւր, ամո՜ւր։

— Բայց, միստեր Քելլի, այնտեղ կին է ճչում և...

— Դա ինձ չի հետաքրքրում, ես ոչինչ չեմ լսում։

— Այ, լսեցեք։ Լսո՞ւմ եք, ճչում է։

Միստր Քելլին ականջ դրեց և թափահարեց գլուխը.

— Ոչինչ չեմ լսում։ Իսկ հիմա գործի անցեք՝ ծածկեք փոսը և մարշ դեպի տուն, քանի դեռ ես ձեզ մի լավ դաս չեմ տվել։

Մենք ծածկեցինք փոսը։ Երբ մենք հողը տեղն էինք լցնում, ամբողջ ժամանակ միստր Քելլին կանգնել էր մեր կողքին, ձեռքերը խաչել էր կրծքին, իսկ կինը ճչում էր շարունակ ու միստր Քելլին էլ ձևացնում էր, թե իբր չի լսում։

Երբ մենք վերջացրինք, միստեր Քելլին մի կողմ կանգնեց և ասաց.

— Իսկ հիմա վազեք տուն ու մեկ էլ աչքիս չերևաք։

Ես դարձա դեպի Դիպպին.

— Այդ նա է,— փսփսացի ես։

— Ի՞նչն է նա։

— Նա սպանել է միսսիս Քելլիին։ Խեղդել է, դրել արկղի մեջ և թաղել այստեղ, բայց նա հարություն է առել։ Դե, ինքդ մտածիր. ուղղակի կանգնել է նրա վրա, խեղճը ամբսղջ ձայնով ճչում է, իսկ նա աչքն անգամ չի թարթում։

— Այո, համաձայնեց Դիպպին,— հենց այդպես էլ կա։ Նա կանգնել է հենց այստեղ։ Բացեիբաց խաբում է մեզ։

— Միայն մի բան է մնում,— ասում եմ ես։— Հարկավոր է ոստիկան կանչել, որպեսզի նա ձերբակալի միստեր Քնլլիին,

Մենք վազեցինք դեպի անկյունում գտնվող հեռախսսի խցիկը։

Հինգ րոպե հետո ոստիկանները արդեն ծեծում էին միստեր Քելլիի տան դուռը։ Ես ու Դիպպին թաքնվել էինք թփերի մեջ ու նայում էինք։

— Միստեր Քելլի՞,— հարցնում է ոստիկանը։

— Այո, սըր, ինչո՞վ կարող եմ ծառայել։

— Միսսիս Քելլին տանն է։

— Այո, սըր։

— Կարո՞ղ ենք նրա հետ զրուցել։

Միսսիս Քելլին մոտեցավ դռանն ու դուրս կաչեց։

— Լսում եմ, սըր։

— Ներողաթյոլն եմ խնդրում,— ասաց ոստիկանը, — մեզ զանդահարեցին և ասացին, որ իբր թե ձեզ սպանել են և թաղել քանդված աղբանոցում։ Կարծես երեխայի ձայն լիներ, բայց մեր գործն է ստուգելը, միսսիս Քելլի։ Կներեք, որ անհանգստացրինք ձեզ։

– Դա այն անիծվածներն են արել,— զայրացած փնթփնթաց միստեր Քելլին,— եթե ձեռքս ընկնեն, ոտքերն ու ձեռքերը պիտի պոկեմ։

— Ծլկենք,— շշնջաց Դիպպին, ու երկուսով փախանք։

— Այժմ ի՞նչ անենք,— հարցրեցի ես։

— Ես պետք է տուն գնամ, այստեղ մենք անելու բան չունենք։ Հիմա ծերուկ Քելլին գոտին ձեռքին մեզ է փնտրում։ — Հա, Մեգգի, ես նոր միայն հիշեցի. չէ որ ծերուկ Քելլին այնքան էլ լավ չի լսում։ Խուլ է։

— Ըհը,— ասում եմ ես,— այն դեպքում զարմանալի չէ, որ նա չէր լսում կնոջ ճիչը։

— Դե, ես գնացի,– ասում է Դիպպին,– այ թե պատմության մեջ ընկանք։ Ցտեսությո՜ւն։

Եվ ես ամբողջ աշխարհում միայնակ մնացի, ոչ ոք չէր ուզում ինձ հավատալ, ոչ ոք չէր ուզում ինձ օգնել։ Ոստիկանությունը հիմա ինձ է փնտրում։ Հայրիկս էլ է որոնում, եթե, իհարկե, հայտնաբերել են իմ դատարկ անկողինր։ Մնում էր մի վերջին միջոցը, և ահա թե ես ի՞նչ արեցի։

— Ներեցեք, միսսիս Գրիսվոլտ, ձերոնք բոլո՞րը տանն են։

Կամ.

— Բարև ձեզ, միսսիս Պայքս։ Այսօր հիանալի տեսք ունեք։ Շատ ուրախ եմ, որ դուք տանն եք։

Երբ համոզվում էի, որ տանտիկինը տանն է, ողջ և առողջ է, լուրջ խոսակցություն էի սկսում և հետո շարունակում ճանապարհս։

Ժամանակն անցնում էր։ Արդեն բավականին ուշ էր, երբ ես թակեցի վերջին՝ մեր հարևան Չարլի Նեսբիտի դուռը։

Իմ թակոցին երկար ժամանակ ոչ մեկը չէր արձագանքում։

Դուռը բացեց ոչ թե միսսիս Նեսբիտը կամ Էլենը, ինչպես նրան կոչում է իմ հայրիկը, այլ հենց ինքը՝ Չարլի Նեսբիտը։

— Հա,— ասում է,— այդ դու ես, Մարգարետ։

— Այո,— ասում եմ,— բարև ձեզ։

— Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել,— հարցնում է նա։

— Ես ուզում եմ խոսել միսսիս Նեսբիտի հետ,— ասում եմ։

— Ա՜... ա՜,— ծոր է տալիս նա։

— Կարելի՞ է նրան տեսնել։

— Գիտես, նա գնացել է խանութ։

— Ի՞նչ արած, ես կսպասեմ,— ասում եմ ես ու մտնում սենյակ։

— Այ քեզ բա՜ն,— սուլեց միստեր Նեսբիտը։

Ես նստեցի բազկաթոռին։

— Աստված իմ, այնպես շոգ էր այսօր, — ասում եմ՝ ջանալով ինձ հանգիստ պահել, բայց մտածում եմ քանդված աղբանոցի մասին, երևի արկղի մեջ օդ չի մնացել, և ճիչերն արդեն մարում են։

— Լսիր ինձ,— մոտենալով, ասում է Չարլին,— կարծում եմ, որ դու իզուր ես սպասում։

— Ինչո՞ւ, միստեր Նեսբիտ։

— Իմ կինը չի վերադառնա,— ասում է նա։

— Ահա թե ինչ...

— Այսինքն, ես ուզում էի ասել, որ այսօր չի վերադառնա։ Նա, իրոք, խանութ է գնացել, իսկ այնտեղից պետք է գնա Բրիստոլ` իր մոր մոտ։ Այնտեղ մի երկու օր, գուցե և մի շաբաթ հյուր է մնալու։

— Դա սարսափելի է,— ասում եմ ես։

— Ինչո՞ւ։

— Այնպես, ես ուզում եմ նրան մի դեպքի մասին պատմել։

— Ի՞նչ դեպքի։

— Ես ուզում էի նրան պատմել, որ քանդված աղբանոցում մի կին են թաղել, վերևից ավազ են լցրել, և նա այժմ ճչում է։

Միստեր Նեսբիտը վայր գցեց սիգարեթը։

— Ձեր սիգարեթը վայր ընկավ, միստեր Նեսբիտ։

— Ի՞նչը ընկավ։ Ախ, հա՜, իրոք,— փնթփնթաց նա։ — Դե, ի՞նչ արած, այդ դեպքի մասին ես կպատմեմ Էլենին, երբ նա վերադառնա։ Նա մեծ բավականությամբ կլսի։

— Շնորհակալ եմ։ Իսկ գիտեք, որ, իրոք, դա այդպես է պատահել։

— Իսկ դու որտեղի՞ց գիտես։

— Ես ինքս լսեցի, թե ինչպես է ճչում նա։

— Իսկ դու գիտե՞ս, որ հատուկ բույս կա, որի արմատները կարող են լալ։

— Ես ինքս այդ մասին կարդացել եմ։ Գուցե այդ բույսի արմատներն են, հը՞։

— Ես այդ մասին չեմ մտածել։

— Դե, ինքդ դատիր,— ասում է նա և նոր սիգարեթ վառում։ Ջանում է իրեն այնպես պահել, իբր թե ոչինչ չի պատահել։

— Մարգարետ, այդ մասին դու որևէ մեկին պատմե՞լ ես։

— Այո։ Ես շատերին եմ պատմել։

— Իսկ նրա՞նք։

— Ինձ չհավատացին։

Նա ժպտաց։

— Իհարկե, չեն հավատա։ Շատ բան կարող է քեզ թվալ։ Ինչ է, քեզ պետք է հավատա՞ն։

— Դե, ես գնամ, պետք է նրան հանեմ այնտեղից։

— Ոչ, սպասիր։

— Ես շտապում եմ։

— Մի քիչ նստիր ինձ հետ,— ստիպում էր նա։

— Շնորհակալություն, ես պետք է գնամ,— ընկճված ձայնով ասում եմ ես։

Նա բռնեց իմ թևից։

— Դու թղթախաղ գիտե՞ս խաղալ։

— Գիտեմ։

Միստեր Նեսբիտր սեղանից վերցրեց խաղաքարտերը։

— Խաղա՞նք մի շրջան։

— Չէ, ես պետք է գնամ, փորեմ։

— Դեռ դու շատ ժամանակ ունես,— հանգիստ ասում է նա,— գուցե կինս վերադառնա։ Այնպես, որ մի քիչ նստիր, սպասիր։

— Դուք կարծում եք, թե նա կվերադառնա՞:

— Իհարկե, մը՜... մը՜... այդ ձայնը շատ բարձր է։

— Ոչ։ Նա այնպես բարակ-բարա՜կ է։

Միստեր Նեսբիտը հոգոց հանեց և ժպտաց։

— Դեռ երեխա ես, և քո արարքներն էլ երեխայական են: Ավելի լավ է արի թղթախաղ խաղանք, քան լսենք ինչ-որ ճչացող կնոջ մասին քո պատմությունները:

— Ես պետք է գնամ։ Ուշ է արդեն։

— Դե, մի քիչ էլ մնա, միևնույնն է, դու ոչինչ չունես անելու։

Ես գլխի ընկա, թե ինչ է նա մտածել։ Նա ուզում էր ինձ պահել այնքան ժամանակ, մինչև որ ձայնը ամբողջովին կտրվի։

— Իմ կինը կվերադառնա տասը րոպե հետո,— պնդում էր նա,— իսկ դու սպասիր, նստիր ինձ հետ։

Մենք սկսեցինք թղթախաղ խաղալ։ Ժամանակն անցնում էր։

— Ես պետք է գնամ,— ասացի ես։

— Մի անգամ էլ խաղանք, մի ժամ էլ սպասիր, կինս ուր–որ է, կգա։

Ես այստեղ արդեն գլխի ընկա, թե ինչ կա նրա մտքում. մութ գիշերով գնալ աղբանոց, հանել կնոջն ու տանել մի ուրիշ տեղ թաղել։

— Ցտեսություն, Մարգարետ։ Բարի ճանապարհ։

Ինձ բաց թողեց և, երևի, կարծում է, թե այլևս արկղի մեջ օդ չի մնացել, շնչել այլևս հնարավոր չէ։

Իմ ետևից դուռը չխկոցով փակվեց։

Ես գնացի աղբանոց և թաքնվեցի թփերի մեջ։ Ի՞նչ անել. վերադառնա՞լ տուն, բայց ինձ, միևնույն է, չեն հավատա։ Կանչե՚՞լ ոստիկանությանը։ Բայց Չարլի Նեսբիտը կասի, որ կինը մեկնել է։ Ոչ ոք ինձ չի հավատա։

Ես նայեցի միստեր Քելլիի տան կռղմը. նա չէր երևում։ Վազեցի այնտեղ, որտեղից ճիչ էի լսում։ Քարացա և ականջ դրեցիք Ոչ մի ձայն չէր լսվում։ Ուշ է։ Մտածեցի ես։ Ականջս գրեցի գետնին և հազիվ ականջիս հասան ձայներ։ Կինն սյլևա չէր ճչում։ Նա երգում էր։ Ես դժվարությամբ լսեցի.

«Ես՝ սիրում էի քեզ հավատարմորեն,
Ուժգին էի ես քեզ սիրում»։

Այնպես տխուր երգ էր։ Նա էլի երգում էր, նա այլևս չէր ուզում ճչալ, նրա համար արդեն ամեն ինչ մեկ էր, և նա երգում էր։

Իսկ ես լսում էի նրա երդը։ Հետո շրջվեցի և աղբանոցի միջով գնացի ուղիղ դեպի տուն։

— Հայրիկ,— ասացի ես։

— Վերջապես եկար,— զայրացավ հայրիկս։

— Հայրիկ,— ասացի ես։

— Դու, սպասիր, կտեսնես քո հալը։

— Հայրիկ, նա այլևս չի ճչում։

— Չհամարձակվես էլ նրա մասին խոսել։

— Այժմ նա երգում է,— բղավեցի ես։

— Դու էլի ստում ես։

— Հայրիկ, նա պառկած է այնտեղ, և եթե դու ինձ չլսես, նա կմեռնի։ Նա պառկած է այնտեղ, պառկած է ու երդում է։ Այ, լսիր, թե ի՞նչ է երգում։ Ես երգեցի մեղեդին, հետո՝ բառերը.

«Ես՝ սիրում էի քեզ հավատարմորեն,
Ուժգին էի ես քեզ սիրում»։

— Ապա մի կրկնիր մեկ անգամ էլ։

Ես նորից երգեցի։

— Դու որտե՞ղ ես լսել այդ երգը։

— Հենց նոր լսեցի, քանդված աղբանոցում։

— Բայց դա Էլենի երգն է, որը շատ տարիներ առաջ նա հորինել էր ինձ համար,— ճչաց հայրիկս։ — Չի կարող պատահել, որ դու իմանաս, ոչ ոք այդ մասին չգիտի, բացի ինձնից ու Էլենից, ես այդ երգը երբեք ոչ մեկի համար չեմ երգել։

— Այո, գիտեմ,— ասացի ես։

— Ախ, տեր աստված,– ճչաց հայրիկս, շրխկացրեց դուռն ու նետվեց դեպի այգի։

Վերջինը, ինչ անցավ իմ մտքով, դա հորս պատկերն էր. նա բահը կխրի հողի մեջ, իսկ նրա կողքին՝ բահերով զինված շատ մարդիկ։ Ուրախությունից քիչ էր մնում հեկեկայի։

Ես հեռախոսով հավաքեցի համարը, և երբ Դիպպին վերցրեց լսափողը, բղավեցի։

— Հելլո, Դիպպի։ Ամեն ինչ կարգին է։ Կինն այլևս չի ճչում։

— Լավ է,— պատասխանում է նա։

— Շուտ եկ աղբանոցի մոտ,— ասում եմ ես։

— Երեք ու չորս՝ ես գնում եմ փնտրելու: Ցտեսությո՛ւն,– ճչում է Դիպպին։

— Ցտեսություն, Դիպպի,— ճչում եմ ես և վազում դեպի աղբանոց։