Changes
/* Ստեպանիդա Զուեվա֊Ջոնսոն */
― Այն էլ ինչպես էր գրում, ― ասաց Ձերժինը։ ― Ստեպանիդա Զուեվա֊Ջոնսոնը, հիանալի լրտես էր։ Իր կողմից հավաքագրված ծովային հետևակ Թոմ Ջոնսոնի հետ նա մեզ բազմաթիվ արժեքավոր տեղեկություններ հաղորդեց։
==Ստեպանիդայի հաղորդագրությունները==
Երեք օր առանց մեջքս ուղղելու ես կարդում էի Ստեպանիդայի հաղորդագրությունները։ Ամեն առավոտ ութնանց կես իմ ետևից գալիս էր Վասյան և միայն երեկոյան ժամը տասնմեկին վերադարձնում ինձ հյուրանոց։
Ոչ, ինձ ոչ ոք չէր ստիպում այդքան երկար աշխատել։ Ինձ այնքան էր գրավել նյութը, որ երբեմն նույնիսկ չէի ճաշում։ Առավել ևս, որ մոտակա Ուպոպոտը գտնվում էր Կրեմլում, իսկ գրադարանի տարածքում բավարարվում էին միայն ընդհանուր պահանջարկները, որոնց մասին հիշելով, ես միանգամից կորցնում էի ախորժակս։
Հաղորդագրությունները գրված էին ընկերուհուն ուղղված նամակների տեսքով։ Իբր թե, մի ինչ֊որ Կատյաի։ Իրականում, ես կարծում եմ, «Կատյան» որևէ բաժնի վարիչ էր և միգուցե, նույնիսկ ամբողջ ԿԳԲ֊ի ղեկավարը։
Բայց ձևը, կարելի է ասել, հաջող էր ընտրված։ Սովորական նամակներ՝ գրված սխալներով և պարզ ու հասարակ լեզվով։ Եվ ամեն ինչ բաց տեքստով, առանց որևիցե ծածկագրի։ Եթե նույնիսկ նամակները ընկնեին Սիմիչի ձեռքը, ապա նույնիսկ նա իր զարգացած ինտուիցիայով չէր կռահի, թե ինչ են նրանք իրենցից ներկայացնում։
Իրականում, այնտեղ Սիմիչի մասին ամեն ինչ ասված էր։
Ինչպես է ապրում, ինչպես աշխատում, ինչ մտահղացումներ ունի, ինչպիսին է նրա առողջությունը և նույնիկ (ահա՛ այն, կանացի ստորությունը) ինչպիսին է նա անկողնում։
Արտաքուստ դիմում է Սիմիչին շատ հարգալից ― «հայրիկ»։ Իրականում նրա գնահատականները շատ խիստ ու սառն են, ժամանակ առ ժամանակ ծիծաղաշարժ, և անգրագետ գյուղացի կնոջ համար շատ նուրբ։
Օրինակ, ահա ինչպես է նա նկարագրում իրենց մտերմության սկիզբը։
«Եվ հետո, Կատյուշա, տեղի համայնքում վերջերս մեծ իրարանցում էր, խոսում էին, որ իբր թե ժամանել է մի շատ հայտնի ռուս գրող։ Եվ թերթերում նրա մասին հայտնեցին և հեռուստատեսությամբ են ամեն օր ցույց տալիս։ Նրա տեսքը երևելի է, մորուքը սարսափելի, իսկ ձայնը բարալիկ։ Անընդհատ քննադատում է կոմունիզմը, ուղղափառության կողմնակից է և տարբեր տեսակ ամերիկացիներին քննադատում է այն բանի համար, որ մոռացել են Աստծուն։ Փոխանակ, ասում է, ձեզ զոհաբերեք, դուք, ասում է, չափից ավելի քնքշացել եք և լավ կյանքից երես առել։ Իսկ ամենակուլ ու անհագ կոմունիզմը, արդեն ձեռքերը մեկնել է ձեր կոկորդին և շուտով նրա մեջ կխրի իր երկաթյա ժանիքները․․․
․․․Գրողը որոշել է մեր կողմերում բնակություն հաստատել, որովհետև, ասում է, բնությունն այստեղ իրեն շատ է հիշեցնում ռուսականը։ Մերոնցից մեկից գնեց մի ֆերմա քառասուն ակր անտառով ու լճով, որոշել է այն շրջապատել պարսպով։
․․․ Ապրում է մեկուսի, ընտանիքի հետ։ Մարդկանց աչքին չի երևում։ Ասում են, աշխատում է օրական տասնութ ժամ։ Սակայն Սուրբ֊Գևորգի եկեղեցում հաճախ է լինում։ Այստեղ կարելի է նույնիսկ մոտենալ նրան, չնայած նա մշտապես շրջապատված է յուրաիններով, իսկ նրա բոդիգարդ Զիլբերովիչը (կազակ ուղղափառ հրեաներից) ուշադիր հետևում է և մոտեցողներին ուսով ետ հրում։
․․․ Ես հասկանում եմ, Կատյուշկա, թե դու ինչը նկատի ունես, ես այդ տեղով ժամանակին Թոմին հմայեցի։ Թոմը սակայն, հարավցի է և շատ տպավորվող մարդ է, իսկ այս գրողը ապրում է հնարովի պատկերացումներով, աչքի առջևինը չի նկատում, չնայած ես և այսպես և այնպես ցուցադրում եմ։ Ամեն անգամ, երբ նա եկեղեցում է լինում, աշխատում եմ նրա աչքի առջև լինել, ծնկերիս վրա եմ կանգնում և աղոթում, բայց նա, ինչպես ասում են, նույնիսկ եթե վզից կախվես, միևնույն է ուշադրություն չի դարձնի։ Թոմն ասում է, որ ես հիմար եմ, հիմար՝ եթե չեմ կարողանում իմ առանձնահատկությունը ինչպես հարկն է ցուցադրել․ ինչո՞ւ եմ այն ծածկում ջինսերով։
․․․Թոմը խելացի գտնվեց, սատանան տանի, չնայած և սև է։ Հիմա արդեն ոչ թե ես եմ աշխատում նրա աչքին երևալ, այլ նա է ինձ տեսնելով փոխում տեղը, և ետևս կանգնելով, անընդհատ աղոթում է ու աղոթում։ Զգում եմ, ձկնիկը կեռիկին շատ մոտ է, ուր որ է այն կուլ կտա։
― Կուլ տվեց։
Երեկ, եկեղեցական քարոզից հետո, նրա հրեան ինձ մի կողմ կանչեց։ Ասում է, շատ հայտնի անձնավորությանը քարտուղար֊թարգմանիչ է պետք։ Նա պետք է մշտապես ապրի կալվածքում հայտնի մարդու մոտ և ոչ մեծ ծառայություններ մատուցի։ Լսել եմ, բոլոր անհրաժեշտ տվյալները ձեզ մոտ կան։
Ես ասացի, որ այդ ծառայությունների համար ես տվյալներ իհարկե ունեմ, բայց թարգմանչական ունակություններս կասկածելի են, որովհետև անգլերենին տիրապետում եմ չափավոր։ Բայց եթե հայտնի մարդուն պետք է աղախին, ապա տվյալներս հաստատ կբավարարեն։ Բացի դրանից, ասացի, որ ունեմ մի թերություն՝ սև ամուսին։
Հրեան պատասխանեց, որ իրենք ռասիստ չեն և ամուսնուս էլ ինձ հետ կվերցնեն աշխատանքի, առավել ևս, որ հայտնի մարդուն անհրաժեշտ է լրացուցիչ բոդիգարդե․․․»
Հաջորդ նամակներում Ստեպանիդան պատմում էր Կատյուշային, թե ինչպես նա ու Թոմը սկսեցին ապրել Սիմիչի կալվածքում, ինչում են կայանում իրենց պարտականությունները, շատ մանրամասն նկարագրում է այն ամենը, ինչ տեղի էր ունենում կալվածքում և նույնիսկ շատ պատկերավոր նկարագրում իր ինտիմ հարաբերությունները տիրոջ հետ, որոնք սովորաբար, տեղի են ունենում ցերեկը, երբ նա գալիս է «պարապելու» նրա աշխատասենյակում։ Հաճախ կանացի բնավորությունը նրա մեջ գերակշռում էր․ նա գովեստներ է շռայլում տիրոջը և տհաճությամբ արտահայտվում կնոջ մասին։
Օրեցօր հետևելով Օտրադնոի կյանքի ընթացքին, մանրամասն նկարագրում էր, թե ինչպես է «հայրիկը» աշխատում և պատրաստվում վերադարձին։
Իր մտադրություններով Սիմիչը նրա հետ առանձնապես չէր կիսվում, բայց երբեմն, թփթացում էր նրա մարմնին և ասում․ «Ոչինչ, Ստեշա, երբ քշենք այդ ամենակուլներին, քեզ Թոմի հետ միասին Մոսկվա կտանեմ։ Թոմին կդարձնեմ կոմս, իսկ դու կլինես կոմսուհի»։ Երբ Ստեպանիդան կասկած էր հայտնում, թե Թոմից ի՞նչ կոմս, չէ՞ որ նա սև է, «հայրը» պատասխանում էր․ «Հետո ինչ, որ սև է։ Դա ոչինչ։ Միայն թե կոմունիստ ու պլուրալիստ չլինի։ Իսկ ինչ վերաբերում է մաշկի գույնին, ապա Պետրոս Առաջինն էլ ուներ մի առապ, որն իր արյունը փոխանցեց Պուշկինին։ Այնպես որ կարևորը ոչ թե այն որ սև է, այլ ինչպիսի սև»։
Երբ կարդում էի Ստեպանիդայի հաղորդագրություններն ու բնութագրումները Օտրադնոի բնակիչների և նրանց այցելուների մասին, երբեմն այնպես էի ծիծաղում, որ քիչ էր մնում աթոռից ընկնեի։ Բայց երբ հասա այն տեղը, ուր նա նկարագրում է իմ ժամանումը, շատ վրդովվեցի։ Ինչպիսի լկտի, խորամանկ և ստոր կին է։
Ոչ, ես չեմ կրկնի նրա հիմար և անհեթեթ բառերը, որտեղ նա այլ բաներից բացի, անվանում է ինձ հաստափոր (հիմար բառ է) և ներկայացնում որպես շողոքորթ ձրիակերի, որը Սիմին հաճոյանալու համար ամեն ինչի պատրաստ է (այդպիսի բան երբեք չի եղել)։ Բայց ամենակարևորը այն է, որ իր հետույքով ինձ էլ է մտածված գրավել։ Եվ ոչ թե բնական ցանկությունից, այլ միայն այն ստոր նպատակով, որպեսզի ես ժամանակից շուտ չմեկնեմ Օտրադնոյից։ Եվ հիմարաբար նկարագրելով մեր հարաբերությունները, շատ սառը և գործնական նկատել է․ «Սեքսուալ առումով հետաքրքրություն չի ներկայացնում»։
Դա լկտիություն չէ՞։ Այդ ե՞ս ոչ մի հետաքրքրություն չեմ ներկայացնում։ Իսկ ո՞վ է այդ դեպքում ներկայացնում։ Եվ ինչո՞ւ էիր դու, ստոր արարած, բղավում, որ այդպիսի տղամարդ երբեք չես ունեցել։
Դե ի՞նչ ասես նրան։ ԿԳԲ֊ի աշխատակիցը մնում է ԿԳԲ֊ի աշխատակից։ Իզուր չէ, որ այդ մասնագիտությունն ունեցող մարդկանց ես միշտ էլ վերաբերվել եմ մեծ անվստահությամբ։