Changes

Պահապանները

Ավելացվել է 10 246 բայտ, 15:52, 11 Ապրիլի 2014
/* Գլուխ երրորդ․ Երեք ճանապարհորդ */
Ֆրոդոն ուտում էր, խմում ու խոսում ոչ առանց դժվարության բառերն ընտրելով։ Նա էլֆերերն հավիզհազ էր հասկանում եւ համակ ուշադրություն դարձած լսում էր։ Նրան հաճելի էր, որ կարող էր գոնե նրանց մայրենի լեզվով շնորհակալություն հայտնել իրեն հյուրասիրող էլֆերին։ Իսկ նրանք ժպտում էին եւ ուրախանում․ «Այ թե հոբիթ է․․․»։
Հետո Փինը քնեց եւ նրան զգուշությամբ պառկեցին խոտե փափուկ մահճում՝ ծառերի արմատների արանքում։ Սամը գլուխը թափ էր տալիս ու չէր ուզում տիրոջից հեռանալ։ Փինը արդեն յոթերորդ երազն էր տեսնում, իսկ Սամը դեռ նստած էր Ֆրոդոյի ոտքերի մոտ, պայքարում էր, պայքարում էր, վերջապես չդիմացավ ու նիրհեց։ Դրա փոխարեն, Ֆրոդոյի քունը դեռ չէր տանում, եւ նա Գարալդի հետ խոսակցություն ունեցավ։
Եղածից֊չեղածից, անցածից ու ներկայից էին խոսում նրանք, եւ Ֆրոդոն երկար հարցուփորձ էր անում նրան Հոբիթստանի սահմաններից այն կողմ տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին։ Վերջապես նա տվեց հարցը, որը վաղուց լեզվի ծայրին էր․
― Իսկ ասա, Գարալդ, այն ժամանակից ի վեր տեսե՞լ ես Բիլբոյին։
 
― Տեսել եմ, ― ժպտաց Գարալդը։ ― Նույնիսկ երկու անգամ։ Այս նույն տեղում նա մեզ հրաժեշտ տվեց։ Իսկ մյուս անգամ՝ այստեղից հեռու։
 
Որտեղ՝ նա չասաց, իսկ Ֆրոդոն չհարցրեց։
 
― Քո մասին խոսենք, Ֆրոդո, ― առաջարկեց Գարալդը։ ― Որոշ բաներ ես արդեն գիտեմ քո մասին․ դեմքիցդ էլ կռահեցի, հարցերդ էլ հենց այնպես չէին։ Հոբիթստանից հեռանում ես ծանր տարակուսանքներով՝ արդյո՞ք քո ուժերին համապատասխան գործ ես ձեռնարկել եւ կհաջողվի՞ քեզ մինչեւ վերջ հասցնել այն։ Այդպե՞ս է։
 
― Այդպես է, ― հաստատեց Ֆրոդոն։ ― Սակայն կարծում էի, թե իմ գործերի մասին միայն Գանդալֆը գիտի եւ մեկ էլ Սամը։
 
Նա նայեց Սամին, որը խաղաղ ֆսֆսացնում էր։
 
― Էլֆերից գաղտնիքների հոսք դեպի Թշնամին տեղի չի ունենում, ― ասաց Գարալդը։
 
― Դեպի Թշնամի՞ն, ― զարմացավ Ֆրոդոն։ ― Դու, երեւում է, գիտես, թե ես ինչու եմ ընդմիշտ հեռանում Հոբիթստանից։
 
― Ես գիտեմ, որ Թշնամին կրնկակոխ հետեւում է քեզ, ― պատասխանեց Գարալդը, ― բայց դե ինչո՞ւ, այդ չգիտեմ։ Բայց հիշիր, Ֆրոդո, վտանգը առջեւում է եւ հետեւում, վտանգն ամեն տեղ է։
 
― Հեծյալների մասի՞ն ես ասում։ Ես այդպես էլ գիտեի, որ դրանք Թշնամու կողմից են։ Իսկ ովքե՞ր են դրանք։
 
― Գանդալֆը քեզ ոչինչ չի՞ ասել նրանց մասին։
 
― Նրանց մասի՞ն՝ ո՛չ, չի ասել։
 
― Այդ դեպքում պետք էլ չէ՝ քանի որ վախը թուլացնում է։ Իմ կարծիքով , դու հասցրել ես վերջին ժամին դուրս գալ, հուսով եմ, որ չես ուշացել։ Մի դանդաղիր եւ հետ մի նայիր, որքան հնարավոր է շուտ գնա Հոբիթստանից։
 
― Քո ակնարկներն ու խոսքերը կտուր գցելն ինչ ավելի են վախեցնում, քան առճակատ խոսակցությունը, ― ասաց Ֆրոդոն։ ― Ես գիտեի, որ առջեւում վտանգներ կան, բայց մտածում էի, որ գոնե մեր Հոբիթստանից դուրս կգանք առանց չարաբաստիկ արկածների։
 
― Հոբիթստանը ձերը չէ, ― առարկեց Գարալդը։ ― Այնտեղ ապրում էին մինչեւ ձեր ապրելը, հետո էլ կապրեն, երբ հոբիթները հեքիաթ կդառնան։ Դուք հո ձեզ ու ձեզ չե՞ք ապրում, իսկ եթե նույնիսկ պատնեշվել եք աշխարհից, բայց հո աշխարհը ձեզնից չի՞ պատնեշվել․․․
 
― Ըստ երեւույթին, այդպես է․ միայն թե մեզ մոտ միշտ խաղաղ, հանգիստ ու հարմարավետ է եղել։ Իսկ հիմա ի՞նչ անեմ։ Ես որոշել եմ կամաց֊կամաց հասնել Բրենդիդուիմք, իսկ այնտեղից՝ Ազատք։ Եվ ահա հետեւել են, հետքներս գտել, ի՞նչ պետք է անեմ․․․
 
― Գնա, ուր որ մտադրվել ես։ Իմ կարծիքով, արիություն կբավականացնի։ Իսկ իմաստուն խորհուրդ տալը՝ դա արդեն Գանդալֆի գործն է։ Չէ՞ որ ես չգիտեմ, թե ինչու ես ճանապարհ ընկել եւ Թշնամու ինչի՞ն ես պետք։ Իսկ Գանդալֆը երեւի գիտի, եւ ո՛չ միայն այդ։ Դու նրա հետ տեսնվելու ես, չէ՞
 
― Հուսով եմ․․․ Ես նրան սպասեցի մինչեւ վերջին րոպեն․ նա պետք է գար ամենաուշը երկու օր առաջ՝ չեկավ։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կարող է պատահած լինել։ Գուցե սպասե՞մ նրան։
 
Գարալդը մռայլվեց ու մտքերի մեջ ընկավ։
 
― Վատ լուրեր են, ― վերջապես խոսեց նա։ ― Գանդալֆը երբեք չի ուշանում։ Սակայն մի ասացվածք կա․ իմաստունների գործերին խառնվես՝ գլուխդ կկորցնես։ Քանի որ այդպիսի խոսակցություն ես ունեցել նրա հետ, ինքդ էլ որոշիր՝ սպասե՞ս նրան, թե չսպասես։
 
― Մի ուրիշ ասացված էլ կա, ― նկատեց Ֆրոդոն։ ― «Էլֆից ու քամուց մի հարցրու խորհուրդ, ոչ հա՛ կասեն, ոչ չէ»։
 
― Ձեզ մոտ այդպե՞ս են ասում, ― ծիծաղեց Գարալդը։ ― Իզուր, ամեն մի խորհուրդ լավ բան ունի իր մեջ, իսկ ամեն տեսակ ճամփա կարող է փորձանք դառնալ։ Դրա համար էլ մենք խորհուրդը քամուն չենք տալիս։ Իսկ քո փոխարեն ինձ համար դժվար է ընտրություն կատարել՝ ախր դու քո գործերի մասին լռում ես։ Բայց եւ այնպես կասեմ, հանուն բարեկամության։ Արագորրեն հեռացիր․ եթե Գանդալֆը չերեւա, անպայման ուրիշ ուղեկից գտիր, մենակ մի գնա։ Լավ քննիր բարեկամներիդ ու ընտրիր ամենահուսալի մեկին։ Եվ չմոռանաս շնորհակալություն հայտնել ինձ խորհուրդ տալուս համար՝ ես հաճույքով չեմ անում այդ բանը։ Էլֆերն էլ իրենց հոգսերն ու ցավերն ունեն, բոլորովին տարբեր, քան մնացածներինը։ Մեր ուղիները հազվադեպ են հատվում, բայց այժմ դրանք խաչվել են, իհարկե, ոչ անտեղի, եւ գուցե այնպես ստացվի, որ ո՛չ վերջին անգամ։ Ի դեպ, այդ մասին ավելի լավ է լռենք․ վախենում եմ ավելորդ բաներ ասել։
 
― Հասկանալի է, ես քեզ շատ եմ շնորհակալ, ― ասաց Ֆրոդոն, ― բայց Սեւ Հեծյալների մասին իզուր ինձ ոչինչ չբացատրեցիր։ Ըստ քեզ ստացվում է, որ ես դեռ երկար պետք է մնամ առանց Գանդալֆի, իսկ ես չեմ հասկանում, թե դրանք ովքեր են։
 
― Այստեղ հասկանալու ի՞նչ կա։ Միայն իմացիր, որ դրանք Թշնամու կամակատարներն են, ― ասաց Գարալդը, ― փախիր դրանցից․․․ Ոչ մի խոսք չփոխանակես դրանց հետ․․․ Դրանք մահ են․․․ Եվ ինձնից մի հարցրու, որովհետեւ ինքդ նրանց մսին կիմանաս ժամանակի ընթացքում, ավաղ, շատ ավելին կիմանաս, քան ես գիտեմ։ Էլբերեթը քեզ պահապան, Ֆրոդո, որդի Դրոգոյի։
 
― Իսկ քաջություն որտեղի՞ց վերցնեմ, ― հարցրեց Ֆրոդոն։ ― Շատ եմ վախենում, իսկ քաջությունս էլ ուր որ է կսպառվի։
 
― Դե, քաջությունը երբեմն հասկանալի էլ չէ, թե որտեղից է վերցվում, նկատեց Գարալդը։ ― Հուսա, որ քաջությունդ քեզ կհերիքի։ Իսկ առայժմ քնիր։ Առավոտյան մենք արդեն չենք լինի․ բայց սուրհանդակներ կուղարկենք։ Ում որ հարկավոր է, կիմանա քո մասին՝ առանց պահապանների ու օգնության չես մնա։ Ես քեզ անվանել եմ Էլֆերի բարեկամ, այդ անունը ընդունիր որպես մաղթանք։ Մենք հազվադեպ ենք խնամակալում օտարներին եւ հազվադեպ ենք նրանցից խոսք լսում մեր մայրենի լեզվով։
 
Ֆրոդոն հանկարծ զգաց, որ ննջում է։
 
― Երեւի ես իսկապես էլ քնեմ, ― քեթմնջաց նա։
 
Էլֆը տարավ նրան Փինի կողքը, պառկեցրեց խոտե անկողնում։ Ֆրոդոն իսկույն մեռածի պես քնեց։
 
===Գլուխ չորրորդ․ Ուղիղ դեպի սնկերը===
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]