«Բասքըրվիլների շունը»–ի խմբագրումների տարբերություն
(→Միստր Շերլոկ Հոլմսը) |
|||
Տող 147. | Տող 147. | ||
― Այնպես, փոքր֊ինչ միայն, ― պատասխանեց Հոլմսը։ ― Սակայն, դոկտոր Մորտիմեր, ես կարծում եմ, որ դուք միանգամայն ճիշտ կվարվեք, եթե առանց հետագա շեղումների անմիջապես պատմեք, թե այդ ինչ գործ է, որի լուծման համար պահանջվում է իմ օգնությունը։ | ― Այնպես, փոքր֊ինչ միայն, ― պատասխանեց Հոլմսը։ ― Սակայն, դոկտոր Մորտիմեր, ես կարծում եմ, որ դուք միանգամայն ճիշտ կվարվեք, եթե առանց հետագա շեղումների անմիջապես պատմեք, թե այդ ինչ գործ է, որի լուծման համար պահանջվում է իմ օգնությունը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ II Բակերվիլների տոհմի անեծքը== | ||
+ | |||
+ | |||
+ | ― Գրպանումս մի ձեռագիր կա, ― ասաց դոկտոր Ջեյմս Մորտիմերը։ | ||
+ | |||
+ | ― Ես այդ նկատեցի ձեր ներս գալուն պես, ― ասաց Հոլմսը։ | ||
+ | |||
+ | ― Ձեռագիրը շատ հին է։ | ||
+ | |||
+ | ― Տասնութերորդ դարասկզբի, եթե միայն կեղծ չէ։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ գիտեք, սըր։ | ||
+ | |||
+ | ― Խոսելով ինձ հետ, դուք շարունակ ցույց էիք տալիս այդ ձեռագրի ծայրը՝ երկու դյույմ լայնությամբ։ Վատ է այն փորձագետը, որը չի կարող փաստատղթի տարեթիվը որոշել մեկ֊երկու տասնամյակի ճշտությամբ։ Դուք թերևս կարդացել եք այդ հարցին վերաբերող իմ ոչ մեծ աշխատությունը։ Ձեր ձեռագիրը ես թվագրում եմ հազար յոթ հայրյուր երեսուն թվականով։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ տարեթիվը հազար յոթ հարյուր քառասուներկուսն է։ ― Դոկտոր Մորտիմերը պիջակի կողքի գրպանից հանեց ձեռագիրը։ ― Այս ընտանեկան մասունքը պահպանության է տրվել ինձ սըր Չարլզ Բասկերվիլի կողմից, որի անակնկալ ու ողբերգական մահը երեք ամիս առաջ այնպես ցնցեց ողջ Դևոնշիրը։ Ես ինձ համարում էի ոչ միայն սըր Չարլզի բժիշկը, այլև անձնական բարեկամը։ Դա մի տիրական, խելացի, հույժ պրակտիկ ու ամենևին ոչ ֆանտազյոր մարդ էր, ինչպիսին է ձեր խոնարհ ծառան։ Եվ, այնուամենայնիվ, նա այս փաստաթղթին վերաբերվում էր շատ լուրջ և նախապատրաստված այն վախճանին, որ ունեցավ։ | ||
+ | |||
+ | Հոլմսը ձեռքը պարզեց, վերցրեց ձեռագիրը և ուղղեց ծնկների վրա։ | ||
+ | |||
+ | ― Ուոթսն, ուշադրություն դարձրեք «դ» տառի ձևին։ Սա այն առանձնահատկություններից մեկն է, որ օգնեց որոշելու փաստաթղթի տարեթիվը։ | ||
+ | |||
+ | Ես նրա ուսի վրայով նայեցի կիսաջնջված տողերով դեղնած թերթերին։ Էջի վերևում գրված էր․ «Բասկերվիլ֊հոլլ», իսկ ներքևում խոշոր, մեծ֊մեծ թվերով․ «1742»։ | ||
+ | |||
+ | ― Ըստ երևույթին, սա ինչ֊որ գրառում է։ | ||
+ | |||
+ | ― Այո, մի ավանդության գրառում, որ ապրում է Բասկերվիլների տոհմում։ | ||
+ | |||
+ | ― Բայց, որքան ես հասկացա, դուք եկել եք ինձ հետ խորհրդակցելու ավելի պրակտիկ ու ավելի մեր ժամանակներին մոտիկ հարցով։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, հրատապ հարցով։ Այդ հարցն անհետաձգելի է, այն պետք է լուծել օրերի ընթացքում։ Ձեռագիրը շատ կարճ է և անմիջական կապ ունի գործի հետ։ Ձեր թույլտվությամբ ես կկարդամ այն։ | ||
+ | |||
+ | Մեջքով հենվելով բազկաթոռի թիկնակին, Հոլմսը մատների ծայրերը միակցեց ու ճակատագրին լիովին հնազանդ տեսքով փակեց աչքերը։ Դոկտոր Մորտիմերը շրջվեց դեպի լույսը, և սկսեց բարձր, ճռճռան ձայնով կարդալ հին ժամանակների հետևյալ հետաքրքրական պատմությունը։ | ||
+ | |||
+ | «Բասկերվիլների շան մասին շատ տեղեկություններ կան, սակայն, լինելով Հուգո Բասկերվիլի անմիջական հետնորդը և այդ շան մասին լսած լինելով հորիցս, իսկ նա՝ իմ պապից, ես որոշեցի գրել սույն պատմությունը, որի իսկությանը չի կարելի կասկածել։ Եվ ես կամենում եմ, զավակներս, որ դուք հաստատապես հավատաք, որ մեր մեղքերի համար մեզ պատժող բարձրագույն դատավորը կարող է և թողություն շնորհել իրեն հատուկ գթասրտությամբ, և որ չկա այնպիսի ծանր անեծք, որը հնարավոր չլիներ քավել աղոթքով ու ապաշխարությամբ։ Դե, ուրեմն, մոռացության տվեք անցյալի սարսափելի պտուղները, բայց զգուշացեք մեղանչել ապագայում, որպեսզի, ի կործանումն բոլորիս, նորից ազատություն չտաք մութ կրքերին, որոնք այդքան աղետներ բերին մեր ամբողջ տոհմին։ | ||
+ | |||
+ | Իմացած լինեք, որ Մեծ խռովության ժամանակներում (այս պատմությունը, գրված լորդ Քլարենդոնի՝ գիտուն մի այրի կողմից, ես ամեն կերպ խորհուրդ կտայի կարդալ) Բասկերվիլ կալվածքի տերը Հուգոն էր՝ նույն տոհմից, և այդ Հուգոյին ամենայն իրավամբ կարելի է սանձարձակ, անօրեն ու անաստված մարդ համարել։ Հարևանները նրա բոլոր մեղքերը կներեին, քանզի մեր կողմերում երբեք սրբեր չեն եղել, բայց Հուգոյի բնավորությունը հակված էր անխոհեմ ու դաժան կատակների, որը և նրա անունը ասելիք դարձրեց ողջ Դևոնում։ Պատահեց այնպես, որ այդ Հուգոն սիրեց (եթե միայն նրա մութ կիրքը կարելի է այդ մաքուր անունով կոչել) մի ֆերմերի աղջկա, որի հողերը գտնվում էին Բասկերվիլների կալվածքի հարևանությամբ։ Բայց դեռահաս աղջիկը, որ հայտնի էր իր համեստությամբ ու առաքինությամբ, սոսկում էր հենց միայն նրա անունից և ամեն կերպ խուսափում էր նրան հանդիպելուց։ Եվ ահա մի անգամ, սուրբ Միքայելի տոնին, Հուգո Բասկերվիլը ընտրեց իր ընկերներից վեց հոգու՝ ամենասանձարձակներին ու կատաղիներին, գաղտագողի մոտեցավ ֆերմային և, իմանալով, որ օրիորդի հայրն ու եղբայրները բացակայում են տանից, փախցրեց նրան։ Վերադառնալով Բասկերվիլ֊հոլլ, նա գերուհուն թաքցրեց վերին սենյակներից մեկում, իսկ ինքը, ըստ իր սովորության, սկսեց կոնծաբանել ընկերների հետ։ Դժբախտ օրիորդը քիչ էր մնում խելագարվի, լսելով ներքևից եկող երգերը, գոռգոռոցներն ու սարսափելի հիշոցները, քանզի Հուգո Բասկերվիլին ճանաչողների վկայությամբ հարբած վիճակում նա այնքան անզուսպ էր, որ թվում էր, թե նմանօրինակ սրբապիղծ խոսքերը կարող են մոխրացնել շուրթերը դրանցով պղծող մարդուն։ Վախն օրիորդին հասցրեց այն բանին, որ նա համարձակվեց մի արարքի, որից նույնիսկ ամենաճարպիկ ու խիզախ տղամարդը կհրաժարվեր, այն է՝ ելավ քիվի վրա, իջավ ցած, կառչելով բաղեղներից, որոնք մինչև հիմա էլ պատում են ամրոցի հարավային պարիսպը, և ճահիճների միջով փախավ դեպի հայրական տուն, որը գտնվում էր Բասկերվիլների կալվածքից երեք մղոնի վրա։ | ||
+ | |||
+ | Որոշ ժամանակ անց Հուգոն թողեց հյուրերին՝ իր գերուհուն ուտելիք ու խմելիք տանելու մտադրությամբ, գուցե և մտքում ավելի վատ բան կար, սակայն տեսավ, որ վանդակը դատարկ է, թռչնակը թռել գնացել է։ Եվ այն ժամանակ սատանան կուրացրեց նրան, քանզի, ներս ընկնելով խրախճանքի սրահը, նա թռավ սեղանի վրա, ցիրուցան արեց ափսեներն ու տափաշշերը և ի լուր ամենքի երդվեց մարմինն ու հոգին հանձնել չար ուժերին, միայն թե փախստականին ետ բերի։ Ու մինչ սեղանակիցները կանգնել էին ցնցված նրա եռացող կատաղությունից, նրանցից մեկը, ամենախիզախը կամ ամենահարբածը, գոռաց, որ անհրաժեշտ է շներին բաց թողնել հետքերով։ Լսելով այդ խոսքերը, Հուգոն դուրս վազեց ամրոցից, հրամայեց ախոռապանին թամբել իր սևաթույր զամբիկին ու արձակել շներին և, տալով նրանց հոտոտելու օրիորդի ցած գցած քողը, արշավեց բարձր հաչող շների ոհմակի հետևից լուսնի լույսով ողողված ճահճի միջով։ | ||
+ | |||
+ | Սեղանակիցները որոշ ժամանակ կանգնած էին լուռ, մեկեն գլխի չընկնելով, թե այդ իրարանցումն ինչից սկսվեց։ Բայց ահա գինու գոլորշիներով մշուշված նրանց գիտակցությանը հասավ, թե ինչ սև գործ է կատարվելու տորֆաճահիճների մեջ։ Այնժամ բոլորը գոռգոռացին․ մեկը ձի էր պահանջում, մյուսը՝ ատրճանակ, երրորդը՝ ևս մի տափաշիշ գինի։ Հետո, փոքր֊ինչ խելքի գալով, բոլորը միասին, թվով տասներեք հոգի, հեծան ձիերն ու միացան Հուգո Բասկերվիլին։ Պայծառ լուսնկա էր, հետապնդողները միաշարք արշավում էին այն ճանապարհով, որով, ըստ իրենց, պիտի օրիորդը փախչեր, եթե մտադիր էր հասնել հայրական տուն։ | ||
+ | |||
+ | Անցնելով մեկ կամ երկու մղոն, նրանք հանդիպեցին մի հովվի ու հարցրին, թե արդյոք հետապնդում չի՞ տեսել։ Իսկ նա ինչպես պատմում են, սկզբից վախից չկարողացավ մի խոսք ասել, բայց հետո այնուամենայնիվ խոստովանեց, որ տեսել է դժբախտ աղջկան, որի հետքերով սլանում էին շները։ «Բայց ես մի ուրիշ բան էլ տեսա, ― ավելացրեց նա։ ― Հուգո Բասկերվիլը սրարշավ անցավ իմ մոտով, նստած իր սևաթույր զամբիկին, իսկ նրան լուռ հետապնդում էր մի շուն, և աստված չանի, որ մեկ էլ այդպիսի զարհուրանք տեսնեմ իմ ետևում»։ | ||
+ | |||
+ | Հարբած սքվայրները հայհոյեցին հովվին ու արշավեցին առաջ։ Բայց հանկարծ նրանց մարմնով սարսուռ անցավ, քանզի լսեցին սմբակների դոփյուն, որից հետո ամբողջովին փրփրակալած սևաթույր զամբիկը սուրաց նրանց մոտով առանց հեծյալի ու սանձերը ցած թողած։ Անառակ զվարճասերները սարսափահար թափվեցին իրար գլխի, բայց այնուամենայնիվ շարունակեցին ճամփան, չնայած ամեն մեկը, եթե մենակ լիներ, առանց ընկերների, ուրախությամբ ետ կդառնար։ Դանդաղ առաջ էին գնում և վերջապես նկատեցին շներին։ Հնուց ի վեր ազնվացեղությամբ ու կատաղությամբ հռչակված ողջ ոհմակը խղճալիորեն վնգստում էր, սեղմված խոր խանդակի եզրին, մի քանիսը գողեգող քաշվել էին մի կողմ, իսկ մյուսները, մազերը ցցած ու աչքերը փայլեցնելով, աշխատում էին ներս ընկնել առջևում բացվող նեղ ծերպից։ | ||
+ | |||
+ | Ձիավորները կանգնեցին, ինչպես կարելի է ենթադրել՝ շատ ավելի զգաստացած, քան ճամփա ընկնելիս։ Մեծամասնությունը չէր համարձակվում մի քայլ անգամ առաջ գցել, բայց ամենահամարձակներից կամ ամենահարբածներից երեքը ձիերն ուղղեցին դեպի հեղեղատի խորքը։ Նրանց հայացքի առջև բացվեց մի բացատ անհիշելի ժամանակներից այդտեղ կանգնեցված քարե երկու մեծ սյուներով։ Հիմա էլ են այդպիսի սյուներ հանդիպում ճահիճներում։ Լուսինը պայծառ լուսավորում էր բացատը, որի կենտրոնում պառկած էր վախից ու ուժասպառությունից մեռած խեղճ աղջիկը։ Բայց երեք անհոգ խրախճանասերները նրա անկենդան մարմնի և կողքին ընկած Հուգո Բասկերվիլի տեսքից չէ, որ զգացին, թե ինչպես էին իրենց գլխի մազերը շարժվում։ Ո՛չ։ Հուգոյի գլխավերևում կանգնած էր գարշելի մի հրեշ՝ սև գույնի վիթխարի մի գազան, տեսքով շան նման, բայց շատ ավելի խոշոր ու բարձր այն բոլոր շներից, որ երբևէ մահկանացուն տեսել է։ Եվ այդ հրեշը նրանց աչքի առաջ քրքրում էր Հուգո Բասկերվիլի կոկորդը։ Արյունոտ մռութը դարձնելով նրանց, նա փայլեցրեց վառվող աչքերը։ Այնժամ նրանք վախից խենթացած ճչացին և, շարունակելով բղավել, ամբողջ թափով սլացան ճահիճների միջով։ Նրանցից մեկը, ասում են, մեռավ հենց նույն գիշերը, իսկ մյուս երկուսը մինչև իրենց օրերի վերջը չկարողացամ ապաքինվել այդ ծանր ցնցումից։ | ||
+ | |||
+ | Այսպիսին է, զավակներս, ավանդությունը շան մասին, որ այդ ժամանակներից սկսած այնքան դժբախտություններ է բերել մեր տոհմի գլխին։ Եվ եթե ես որոշեցի գրի առնել այն, ապա միայն այն հույսով, որ իմացած բանը մեզ ավելի քիչ է սարսափեցնում, քան թերասույթներն ու հորինած բաները։ | ||
+ | |||
+ | Կարիք կա՞ ժխտելու, որ մեր տոհմից շատերը մեռել են հանկարծակի, սարսափելի ու առեղծվածային մահով։ Դե, ուրեմն, թող նախախնամությունը չլքի մեզ իր անխոս ողորմածությամբ, քանզի նա չի պատուհասի երրորդ ու չորրորդ սերնդից հետո եկած անմեղներին, որոնց սպասում է վրեժխնդրությունը, ինչպես ասված է ավետարանում։ Եվ սույն ավանդությունը ես հանձնում եմ ձեզ, զավակներս, ու թախանձում՝ զգուշացե՛ք գիշեր ժամանակ ճահիճներ դուրս գալուց, երբ չար ուժերն են միայնակ տնօրինում։ | ||
+ | |||
+ | (Գրված է Հուգո Բասկերվիլի ձեռքով իր որդիներ Ռոջերի ու Ջոնի համար։ Պատվիրում եմ նրանց այս ամենը գաղտնի պահել իրենց քրոջից՝ Էլիզաբեթից)»։ | ||
+ | |||
+ | Կարդալով այս տարօրինակ պատմությունը, դոկտոր Մորտիմերը ակնոցը հրեց ճակատին ու աչքերը սևեռեց Շերլոկ Հոլմսի վրա։ Վերջինս հորանջեց ու ծխախոտի մնացորդը նետեց բուխարիկ։ | ||
+ | |||
+ | ― Հետո՞ ինչ, ― ասաց նա։ | ||
+ | |||
+ | ― Ձեր կարծիքով սա հետաքրքիր չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Հետաքրքիր է հեքիաթի սիրահարների համար։ | ||
+ | |||
+ | Դոկտոր Մորտիմերը քառածալ մի լրագիր հանեց գրպանից։ | ||
+ | |||
+ | ― Լավ, միստր Հոլմս։ Հիմա մենք ձեզ կծանոթացնենք ավելի ժամանակակից նյութի հետ։ Ահա «Դևոնշիրի քրոնիկ» թերթի այս տարվա հունիսի տասնչորսի համարը։ Այստեղ, զետեղված է հավաստի փաստերի կարճ մի հաշվետվություն՝ կապված սըր Չարզ Բասկերվիլի մի քանի օր առաջ տեղի ունեցած մահավան հետ։ | ||
+ | |||
+ | Բարեկամս փոքր֊ինչ առաջ թեքվեց, հայացքը մեկեն լրջացավ։ Ակնոցն ուղղելով, դոկտոր Մորտիմերն սկսեց․ | ||
+ | |||
+ | «Լիբերալների կուսակցությունից մոտալուտ ընտրությունների հիմնական թեկնածու սըր Չարլզ Բասկերվիլի անակնկալ մահը շատ ծանր տպավորություն թողեց ողջ Միջին Դևոնշիրի վրա։ Չնայած սըր Չարլզը համեմատաբար վերջերս էր հաստատվել Բասկերվիլ֊հոլլում, սակայն հասցրեց իր սիրալիրությամբ շահել բոլոր նրանց սերն ու հարգանքը, ում վիճակվել էր գործ ունենալ նրա հետ։ Մեր օրերում, նորահարուստների տիրապետության օրոք, հաճելի է գիտենալ, որ լավագույն ժամանակներ տեսած տոհմի շառավիղը կարողացավ սեփական ձեռքերով կարողություն դիզել, օգտագործելով այն իր անվան երբեմնի վեհության վերականգնմանը։ Ինչպես հայտնի է, սըր Չարլզը Հարավային Աֆրիկայում հույժ շահավետ գործարքներ էր կնքել։ Հակառակ այն մարդկանց, ովքեր կանգ չեն առնում, մինչև ճակատագրի անիվը չի շրջվում իրենց դեմ, նա, իրեն հատուկ զգաստությամբ, իրացրեց իր եկամուտները և վերադարձավ Անգլիա պատկառելի կապիտալով։ Սըր Չարլզը ընդամենը երկու տարի առաջ բնակություն հաստատեց Բասկերվիլ֊հոլլում, սակայն կալվածքի վերականգնման ու տարբեր բարելավումների լուրերը, որ ընդհատվեցին նրա մահով, տարածվել էին ամենուրեք։ Անզավակ լինելով, նա շատ անգամ էր հայտնել իր մտադրությունը դեչևս կենդանության ժամանակ բարերարություն անել հայրենակիցներին, և այստեղի բնակիչներից շատերը անձամբ առիթ ունեն սգալու նրա անժամանակ մահը։ Մեր թերթի էջերում բազմիցս հիշատակվել են սըր Չարլզի շռայլ նվիրաբերումները բարեգործական պետքերի համար ինչպես տեղական, այնպես էլ ողջ կոմսության մասշտաբով։ | ||
+ | |||
+ | Չի կարելի ասել, թե հետաքննությանը լիովին հաջողվեց պարզել սըր Չարլզ Բասկերվիլի մահվան հանգամանքները, չնայած, այնուամենայնիվ, վերջ տրվեց տեղական պարապ լուրերին։ Մենք ոչ մի հիմք չունենք կասկածելու, որ մահը հետևել է ոչ բնական պատճառներից։ Սըր Չարլզը ամուրի էր և, եթե կարելի է այդպես արտահայտվել, տարօրինակություններ ունեցող մարդ։ Չնայած իր կարողությանը, ապրում էր խիստ համեստ․ Բասկերվիլ֊հոլլի տնային ծառայողների ողջ հաստիքը բաղկացած էր Բերիմոռ ամուսնական զույգից։ Ամուսինը ծառայապետի պարտականություններ էր կատարում, կինը՝ տնտեսուհու։ Իրենց ցուցմունքներում, որոնք համընկնում են հանգուցյալի մոտիկ բաստրկամների ցուցմունքներին, Բերիմոռները նշել են, որ սըր Չարլզի առողջական վիճակը նկատելիորեն վատացել էր վերջին ժամանակներս։ Նրանց ասելով, նա տառապում էր սրտի հիվանդությամբ, որի մասին վկայում էին դեմքի գույնի կտրուկ փոփոխությունները, շնչարգելությունը և ընկճված տրամադրությունը։ Այդ ամենն իր ցուցմունքներում հաստատեց դոկտոր Ջեյմս Մորտիմերը՝ հանգուցյալի տնային բժիշկն ու մոտ բարեկամը։ | ||
+ | |||
+ | Փաստական տեսակետից ամեն ինչ անչափ պարզ էր։ Սըր Չարլզ Բասկերվիլը սովորություն ուներ քնից առաջ զբոսնել Բասկերվիլ֊հոլլի նշանավոր կարմրածառի ծառուղում։ Բերիմոռ ամուսինները վկայում են, որ նա երբեք չէր դավաճանում այդ սովորությանը։ Հունիսի չորսին սըր Չարլզը հայտնեց, որ որոշել է հետևյալ օրը մեկնել Լոնդոն և հրամայեց Բերիմոռին պատրաստել իր իրերը, իսկ երեկոյան, ինչպես միշտ, դուրս եկավ զբոսանքի, որի ժամանակ միշտ սիգար էր ծխում։ Սըր Չարլզը այլևս տուն չվերադարձավ։ Կեսգիշերին, տեսնելով, որ հոլլի դուռը դեռ բաց է, Բերիմոռը անհանգստացավ, վառեց լամպը և գնաց տիրոջը փնտրելու։ Այս օրը եղանակը խոնավ էր, և սըր Չարլզի ոտնահետքերը պարզ երևում էին ծառուղում։ Այդ ծառուղու կենտրոնում մի դռնակ կա, որը տանում է դեպի տորֆային ճահիճները։ Դատելով որոշ տվյալներից, սըր Չարզը մի քանի րոպե կանգ էր առել նրա մոտ, ապա շարունակել ճանապարհը։ Ծառուղու ծայրում հայտնաբերվում է նրա դիակը։ | ||
+ | |||
+ | Այստեղ մնում է չպարզված մի հանգամանք։ Բերիմոռի վկայությամբ, հենց որ սըր Չարլզը հեռացել է դռնակից, նրա ոտնահետքերի բնույթը փոխվել է․ ըստ երևույթին, հետո նա քայլել է ոտքի ծայրերի վրա։ Այդ ժամանակ ծառուղուց ոչ հեռու, ճահճի միջով անցնելիս է եղել Մերֆի անունով գնչու֊փերեզակը։ Նա լսել է ճիչեր, բայց չի կարողացել որոշել, թե դրանք որ կողմից են գալիս, որովհետև, իր խոստովանությամբ, թունդ հարբած է եղել։ Սըր Չարլզի մարմնի վրա բռնության ոչ մի հետք չի հայտնաբերված։ Ճիշտ է, բժշկական փորձագիտությունը նշում է հանգուցյալի դեմքի փոփոխությունը անճանաչելիության աստիճան․ սկզբում դոկտոր Մորտիմերը նույնիսկ չէր հավատում, որ նրա առջև պառկած էր իր բարեկամն ու պացիենտը։ Բայց նման երևույթը հաճախ է ուղեկցում խեղդվելուց ու սրտի գործունեության անկումից առաջացող մահը։ Այդ բանը հաստատվեց հերձման արդյունքով, որը տվեց սրտի հին, օրգանական արատի լրիվ պատկերը։ Հենվելով բժշկական փորձագիտության տվյալների վրա, հետաքննությունը հանգեց մահվան հանկարծահաս տեսակետին, որը զգալիորեն թեթևացնում է գործի վիճակը, քանզի ցանկալի է, որ սըր Չարլզի ժառանգորդը բնակություն հաստատի Բասկերվիլ֊հոլլում և շարունակի նախորդի օգտաշատ ձեռնարկումները, որոնք ընդհատվեցին այդպիսի ողբերգական վախճանով։ Եթե քննիչի պրոզաիկորեն ճշգրիտ եզրակացությունները վերջ չդնեին սըր Չարլզի մահվան հետ կապված ռոմանտիկ վարկածներին, որոնք բերնեբերան էին անցնում ողջ կոմսությունում, ապա Բասկերվիլ֊հոլլը դժվար թե տեր գտներ։ Ինչպես ասում են, սըր Չարլզի մոտիկ ազգականը միստր Հենրի Բասկերվիլն է (եթե ողջ է), հանգուցյալի միջնեկ եղբոր որդին։ Մեր վերջին տեղեկությունների համաձայն, այդ երիտասարդը գտնվում է Ամերիկայում։ Այժմ միջոցներ են ձեռք առնվում, որպեսզի գտնեն նրան ու հայտնեն ստացած մեծ ժառանգության մասին»։ | ||
+ | |||
+ | Դոկտոր Մորտիմերը ծալեց թերթն ու դրեց գրպանը։ | ||
+ | |||
+ | ― Միստր Հոլմս, ահա այն ամենը, ինչ հաղորդվել է սըր Չարլզ Բասկերվիլի մահվան մասին։ | ||
+ | |||
+ | ― Դուք ինձ ծանոթացրիք մի գործի հետ, որը, անկասկած, զուրկ չէ որոշ հետաքրքրությունից, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Դրա համար ես անչափ երախտապարտ եմ ձեզ։ Ժամանակին ես առիթ ունեցել եմ թերթերում կարդալու այդ մասին, բայց այնքան էի զբաղված վատիկանյան զարդաքանդակ քարերի գործով և այնպես էի ջանում ծառայություն մատուցել պապին, որ մի շարք հետաքրքրական գործեր բաց թողի Անգլիայում։ Ուրեմն, ա՞յդ է այն ամենը, ինչ հաղորդվել է սըր Չարլզի մահվան մասին։ | ||
+ | |||
+ | ― Այո՛։ | ||
+ | |||
+ | ― Այժմ ծանոթացրեք ինձ այն փաստերին, որոնք մամուլ չեն թափանցել։ ― Նա թիկնեց բազկաթոռին ու մատների ծայրերն իրար միացրեց, խիստ ու անաչառ դատավորի տեսք ընդունելով։ | ||
+ | |||
+ | ― Այս մասին ես դեռ ոչ ոքի հետ առիթ չեմ ունեցել խոսելու, ― ակնհայտ հուզմունքով սկսեց դոկտոր Մորտիմերը։ Հետաքննության ժամանակ ես շատ բաների մասին լռեցի այն պարզ պատճառով, որ գիտության մարդու համար անհարմար է պաշտպանել սնոտիապաշտությունից ծնված լուրերը։ Եվ ես գտնում եմ, որ թերթն իրավացի է․ խորացնել Բասկերվիլ֊հոլլի առանց այդ էլ մռայլ համբավը, նշանակում է կալվածքն անտերության մատնել։ Առաջնորդվելով այդ նկատառումներով, ես գերադասեցի որոշ բաների մասին լռել, քանզի, միևնույն է, ավելորդ անկեղծությունը օգտուտ չէր բերի։ Բայց ձեզ հետ կարող եմ առանց քաշվելու խոսել։ | ||
+ | |||
+ | Տորֆային ճահիճները բավական ամայի վայրեր են, ուստի, քիչ թե շատ մոտ հարևաններն աշխատում են հաճախ հանդիպել իրար։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես բավական ժամանակ էի անցկացնում սըր Չարլզ Բասկերվիլի ընկերակցությամբ։ Եթե չհաշվենք Լեֆտեր֊հոլլում ապրող միստր Ֆրեկլենդին ու բնախույզ միստր Սթեփլտոնին, մեր կողմերում շատ մղոնների վրա ոչ մի կրթված մարդու չես հանդիպի։ Սըր Չարլզը սիրում էր առանձնություն, բայց նրա հիվանդությունը մեզ մոտեցրեց, իսկ ընդհանուր հետաքրքրություններն ավելի ամրացրին այդ կապը։ Հարավային Աֆրիկայից նա գիտական հույժ արժեքավոր նյութեր էր բերել, և մենք միասին շատ հաճելի երեկոներ էինք անցկացնում, քննարկելով բուշմենների ու հոտենտոտների համեմատական անատոմիան։ | ||
+ | |||
+ | Վերջին ժամանակներն ինձ համար գնալով ավելի ու ավելի պարզ էր դառնում, որ սըր Չարլզի նյարդերը ծայրահեղորեն լարված են։ Նա հավատում էր այն լեգենդին, որ ես կարդացի ձեզ և, զբոսնելով իր տիրույթներում, չէր համարձակվում գիշերով դուրս գալ ճահիճների կողմը։ Միստր Հոլմս, սա կարող է ձեզ անհեթեթություն թվալ, բայց սըր Չարլզը հաստատ համոզված էր, որ սարսափելի անեծք է կախված իր տոհմի գլխին։ Եվ իսկապես, այն օրինակները, որ նա բերում էր իր ընտանիքի անցյալից, մխիթարական չէին։ Նրան հանգիստ չէր տալիս ինչ֊որ ուրվականային էակի սևեռուն գաղափարը, և նա մի գլուխ հարցնում էր ինձ, թե արդյոք որևէ տարօրինակ բան չե՞մ տեսել հիվանդներին այցի գնալիս, շան հաչոց չե՞մ լսել։ Վերջին հարցը սըր Չարլզը հատկապես հաճախ էր տալիս, և այդ պահին նրա ձայնը հուզմունքից դողում էր։ | ||
+ | |||
+ | Հիշում եմ, ինչպես հիմա, ողբերգական դեպքից մի երեք շաբաթ առաջ երեկոյան կողմը ես մոտեցա Բասկերվիլ֊հոլլին։ Սըր Չարլզը կանգնած էր տան դռան առաջ։ Ես իջա կառքից և, մոտենալով նրան, հանկարծ նկատեցի, որ նա իմ ուսի վրայով նայում է ինչ֊որ տեղ՝ աչքերի մեջ ծայրահեղ սարսափի արտահայտություն։ Ես կտրուկ շրջվեցի ու հասցրի ծառուղու ծայրին լոկ անցողակի տեսնել ինչ֊որ կենդանի՝ խոշոր, սև հորթի չափ։ Սըր Չարլզն այնպես էր հուզված ու ահաբեկված, որ ես ստիպված գնացի այնտեղ, ուր կենդանին երևացել էր և ստուգել, թե ո՞ւր կորավ նա։ Բայց այնտեղ ոչինչ չկար։ | ||
+ | |||
+ | Այդ դեպքը շատ ծանր տպավորություն թողեց բարեկամիս վրա։ Ամբողջ երեկոն ես նրա հետ անցկացրի, և հենց այդ ժամանակ էլ, որոշելով բացատրել իր տագնապի պատճառը, նա խնդրեց պահպանել այս ձեռագիրը, որը հարմար համարեցի ամենից առաջ ծանոթացնել ձեզ։ Այս ոչ էական դեպքի մասին ես հիշատակեցի միայն այն պատճառով, քանզի դա որոշ նշանակություն ունեցավ հետագա ողբերգության մեջ։ Բայց այն ժամանակ այդ ամենն ինձ զուտ անմտություն թվաց, որը ոչ մի կերպ չէր արդարացնում բարեկամիս հուզմունքը։ | ||
+ | |||
+ | Իմ խորհրդով սըր Չարլզը պատրաստվեց մեկնել Լոնդոն։ Նրա սիրտը կարգին վիճակում չէր, իսկ ոչ մի րոպե հանգիստ չտվող վախը ակնհայտորեն ազդում էր առողջության վրա, չնայած այդ վախի պատճառները, ըստ իս, պարզապես մտացածին էին։ Ես հուսով էի, որ քաղաքային կյանքի մի քանի ամիսները կթարմացնեն սըր Չարլզին, և նա կվերադառնա նոր մարդ դարձած։ Նույն կարծիքի էր նաև միստր Ստեփլտոնը, որը մշտապես մեծ հոգատարություն էր հանդես բերում մեր ընդհանուր բարեկամի նկատմամբ։ Եվ ահա հենց ամենավերջին պահին կատարվեց այդ սարսափելի դժբախտությունը։ | ||
+ | |||
+ | Գիշերը գտնելով սըր Չարլզի դին, ծառայապետ Բերիմոռը ձիով անհապաղ ինձ մոտ ճամփեց ախոռապան Փերկինսին։ Այդ ուշ ժամին ես աշխատում էի, ուստի շատ շուտ, ամենաշատը մի ժամում, հասա Բասկերվիլ֊հոլլ։ Հետաքննության հիշատակած բոլոր փաստերը անձամբ ստուգեցի ու համադրեցի իրար հետ։ Սըր Չարլզի հետքերով անցա կարմրածառի ողջ ծառուղին, զննեցի դռնակի մոտ այն տեղը, ուր նա ըստ երևույթին, կանգ էր առել, ուշադրություն դարձրի նրա ոտնահետքերի փոխված բնույթին, համոզվեցի, որ, բացի դրանցից, փափուկ մանրախճի վրա երևում են միայն Բերիմոռի հետքերը և, վերջապես, մանրամասն զննեցի մարմինը, որին մինչև իմ գալը ոչ ոք ձեռք չէր տվել։ Սըր Չարլզը պառկած էր երեսնիվայր, ձեռքերը տարածած, մատները խրած հողի մեջ, ջղաձգումն այնպես էր աղավաղել դեմքը, որ նրա դիակը մեկեն չճանաչեցի։ Նրա վրա ֆիզիկական վնասվածքներ չկային։ Սակայն Բերիմոռը հետաքննությանը սխալ ցուցմունքներ էր տվել։ Նրա ասելով, մարմնի մոտ, գետնի վրա ոչ մի հետք չկար։ Նա պարզապես չէր նկատել դրանք, իսկ ես նկատեցի։ Սըր Չարլզից ոչ մեծ հեռավորության վրա երևում էին միանգամայն թարմ ու որոշակի․․․ | ||
+ | |||
+ | ― Հետքե՞ր։ | ||
+ | |||
+ | ― Հետքեր։ | ||
+ | |||
+ | ― Տղամարդո՞ւ, թե կնոջ։ | ||
+ | |||
+ | Դոկտոր Մորտիմերը մի տեսակ տարօրինակ նայեց մեզ ու համարյա շշուկով պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Միստր Հոլմս, դրանք հսկայական շան թաթերի հետքեր էին։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ III Խնդիրը== | ||
+ | |||
+ | |||
+ | Խոստովանում եմ, այդ խոսքերը լսելիս մարմնովս սարսուռ անցավ։ Դատելով այն բանից, թե դոկտորի ձայնը ինչպես էր դողում, նա ինքն էլ էր խորապես հուզված իր պատմածով։ Հոլմսը ամբողջ մարմնով առաջ ընկավ, նրա աչքերում չոր, ծակող կայծեր բռնկեցին՝ արթնացող հետաքրքրության ստույգ նշան։ | ||
+ | |||
+ | ― Դուք ինքնե՞րդ տեսաք։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ այնպես, ինչպես տեսնում եմ ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Եվ ոչինչ չասացի՞ք այդ մասին։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչո՞ւ։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե այդ հետքերը բացի ձեզանից ուրիշ ոչ ոք չի տեսել։ | ||
+ | |||
+ | ― Դրանք գտնվում էին դիակից մի երեսուն քայլի վրա, ուստի, հավանաբար, ոչ ոք դրանց վրա ուշադրություն չի դարձրել։ Ինքս էլ, թերևս, ոչինչ չնկատեի, եթե չհիշեի լեգենդը։ | ||
+ | |||
+ | ― Ճահճուտում, երևի, գամփռներ շատ կան։ | ||
+ | |||
+ | ― Անշուշտ։ Բայց դա գամփռ չէր։ | ||
+ | |||
+ | ― Ասում եք, հետքերը շա՞տ էին մեծ։ | ||
+ | |||
+ | ― Հսկայական։ | ||
+ | |||
+ | ― Բայց չէի՞ն դիպել սըր Չարլզի մարմնին։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ | ||
+ | |||
+ | ― Այդ ժամանակ ինչպիսի՞ եղանակ էր։ | ||
+ | |||
+ | ― Խոնավ, ցուրտ։ | ||
+ | |||
+ | ― Բայց անձրև չկա՞ր։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ այդ ծառուղին իրենից ի՞նչ է ներկայացնում։ | ||
+ | |||
+ | ― Կողքերին խիտ աճած ծեր կարմրածառերի կանաչ բարձր ցանկապատ է, մեջտեղում՝ ութ ոտնաչափ լայնությամբ ծառուղի։ | ||
+ | |||
+ | ― Իսկ թփուտի ու ծառուղու միջև որևէ բան կա՞։ | ||
+ | |||
+ | ― Այո, երկու կողմից վեց ոտնաչափ լայնության ճիմի շերտ։ | ||
+ | |||
+ | ― Եթե ճիշտ հասկացա ձեզ, ծառուղում դռնա՞կ կա։ | ||
+ | |||
+ | ― Այո, և այդ դռնակը տանում է ճահճուտ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ուրիշ ելքեր չկա՞ն։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ | ||
+ | |||
+ | ― Հետևաբար, կարմրածառի ծառուղի կարելի է ընկնել կամ ուղիղ տանից, կամ ճահճուտ տանող դռնակի՞ց։ | ||
+ | |||
+ | ― Կա ևս մի ելք՝ հեռավոր ծայրում գտնվող տաղավարի միջով։ | ||
+ | |||
+ | ― Սըր Չարլզը հասե՞լ էր այնտեղ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, նա ընկած էր այնտեղից հիսուն քայլի վրա։ | ||
+ | |||
+ | ― Դոկտոր Մորտիմեր, այժմ բարի եղեք պատասխանել մի շատ կարևոր հարցի․ ձեր նկատած հետքերը խոտի վրա չէին, այլ արահետի՞։ | ||
+ | |||
+ | ― Սովորաբար խոտերի վրա հետքերը չեն երևում։ | ||
+ | |||
+ | ― Դրանք հենց այն կողմի վրա էին, ինչ և դռնա՞կը։ | ||
+ | |||
+ | ― Այո, ամենածայրում, դռնակի մոտ։ | ||
+ | |||
+ | ― Անչափ հետաքրքիր է։ Եվս մի հարց՝ դռնակը ծածկա՞ծ էր։ | ||
+ | |||
+ | ― Ոչ միայն ծածկած, այլև կողպած կախովի կողպեքով։ | ||
+ | |||
+ | ― Դռնակը ի՞նչ բարձրության է։ | ||
+ | |||
+ | ― Մոտ չորս ոտնաչափ։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն կարելի է մագլցե՞լ դրա վրայով։ | ||
+ | |||
+ | ― Այո։ | ||
+ | |||
+ | ― Ւսկ դռնակի մոտ որևէ բան չի՞ հայտնաբերված։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, առանձնապես ոչինչ։ | ||
+ | |||
+ | ― Աստվա՜ծ իմ, ոչ ոք այնտեղ չի՞ նայել։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ես ինքս եմ նայել։ | ||
+ | |||
+ | ― Եվ ոչինչ չե՞ք գտել։ | ||
+ | |||
+ | ― Այնտեղ որևէ բան ջոկելը դժվար էր։ Ըստ երևույթին, սըր Չարլզը մի հինգ֊տասը րոպե կանգ էր առել դռնակի մոտ։ | ||
+ | |||
+ | ― Ինչու եք այդպես կարծում։ | ||
+ | |||
+ | ― Որովհետև նրա սիգարի մոխիրը երկու անգամ թափվել էր ցած։ | ||
+ | |||
+ | ― Հիանալի՜ է։ Ահա այդպիսի օգնականն է վայել մեզ։ Այդպես չէ՞, Ուոթսն։ Դե, իսկ հետքե՞րը։ | ||
+ | |||
+ | ― Մանրախիճը ծածկված էր նրա հետքերով։ Ուրիշ հետքեր չեմ նկատել։ | ||
+ | |||
+ | Շերլոկ Հոլմսը ափն անհամբերությունից զարկեց ծնկին։ | ||
+ | |||
+ | ― Ա՛խ, եթե ես այնտեղ լինեի, ― բացականչեց նա։ ― Ւնչպես երևում է, սա անչափ հետաքրքիր գործ է։ Ինչպիսի՜ հարուստ հնարավորություններ գիտական լուրջ հետազոտության համար։ Մանրախիճը այնպիսի էջ է, որի վրա կարող ես այնքան շատ բան կարդալ։ Իսկ այժմ ամեն ինչ լվացվել է անձրևից, տրորվել հետաքրքրասեր ֆերմերների կոշիկների տակ։ Ա՛խ, դոկտոր Մորտիմեր, դոկտոր Մորտիմեր։ Ինչո՞ւ իսկույն չկանչեցիք ինձ։ Ինչպիսի՜ մեղք ձեր խղճի վրա։ | ||
+ | |||
+ | ― Միստր Հոլմս, ես չէի կարող դիմել ձեզ․ չէ՞ որ այդ դեպքում պետք է հրապարակեի այս բոլոր փաստերը, իսկ ես արդեն ասացի, թե ինչն էր ինձ ետ պահում այդ քայլից։ Բացի դրանից․․․ բացի դրանից․․․ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ եք տատանվում։ | ||
+ | |||
+ | ― Կա այնպիսի մի բնագավառ, որտեղ անզոր է ամենախորաթափանց ու ամենափորձված խուզարկուն անգամ։ | ||
+ | |||
+ | ― Դուք ակնարկում եք, որ մենք գործ ունենք գերբնական ուժերի հե՞տ։ | ||
+ | |||
+ | ― Ես այդ չեմ ուզում ասել․․․ | ||
+ | |||
+ | ― «Չեմ ուզում ասել, բայց «մտածում եմ»։ | ||
+ | |||
+ | ― Միստր Հոլմս, այն պահից, ինչ այս դժբախտությունը պատահեց, ինձ մի շարք դեպքեր են պատմել, որոնք դժվար է կապակցել իրերի բնական ընթացքի հետ։ | ||
+ | |||
+ | ― Օրինա՞կ։ | ||
+ | |||
+ | ― Ես պարզեցի, որ տեղացիներից ոմանք սըր Չարլզի ողբերգական մահից դեռևս շատ առաջ ճահճուտներում տեսել էին ինչ֊որ տարօրինակ մի արարած, որը ճշտորեն համապատասխանում էր բասկերվիլյան դևի նկարագրությանը և նման չէր գիտությանը հայտնի ոչ մի կենդանու։ Բոլոր նրան տեսնողները միաբերան հաստատում էին, որ դա անասելի մեծության, լույս արձակող, սարսափազդու մի տեսիլք էր։ Ես հարցուփորձ արի այդ մարդկանց։ Դրանք երեք հոգի էին․ մեր հարևանը՝ հույժ զգաստ հայացքների տեր մի մարդ, այստեղի դարբինը և մի ֆերմեր։ Բոլորն էլ պատմում էին հրեշավոր ուրվականի մասին։ Համարյա բառ առ բառ նկարագրելով այն շանը, որի մասին խոսվում է լեգենդում։ Հավատացեք, միստր Հոլմս, մեր ողջ շրջանում սարսափ է տիրում, ոչ ոք չի համարձակվում գիշերով ճահճուտ դուրս գալ, բացի ամենահանդուգն կտրիչներից։ | ||
+ | |||
+ | ― Եվ դուք, գիտության մարդ, հավատում եք, որ դա գեբնական երևո՞ւյթ է։ | ||
+ | |||
+ | ― Ինքս էլ չգիտեմ, ինչին հավատալ։ | ||
+ | |||
+ | Հոլմսը թոթվեց ուսերը։ | ||
+ | |||
+ | ― Մինչև այժմ իմ խուզարկուական գործունեությունը ընթանում էր այս աշխարհի սահմաններում, ― ասաց նա։ ― Չարի դեմ ես պայքարում եմ իմ համեստ ուժերի ու հնարավորությունների ներածին չափով։ Սակայն ճակատել հենց իր՝ չարի նախահոր դեմ, թերևս, անձնապաստանություն կլիներ իմ կողմից։ Բայց դուք չեք ժխտի, որ մանրախճի վրայի ոտնահետքերը միանգամայն իրական են։ | ||
+ | |||
+ | ― Չի կարելի ժխտել շան իրական լինելը, որի մասին ավանդության մեջ ասվում է, որ կարողացել է մարդուն պատառոտել։ Եվ, այնուամենայնիվ, նրանում ինչ֊որ դիվային բան կա։ | ||
+ | |||
+ | ― Դոկտոր Մորտիմեր, տեսնում եմ, որ դուք վերջնականապես անցաք միստիկների կողմը։ Այդ դեպքում ասացեք ահա թե ինչ․ եթե դուք այդ համոզմանն եք, էլ ինչո՞ւ եք դիմում ինձ։ Դուք ասում եք, որ սըր Չարլզի մահվան հանգամանքները հետաքննելն անօգուտ է և միաժամանակ խնդրում եք զբաղվել դրանով։ | ||
+ | |||
+ | ― Ես ձեզանից այդպիսի բան չեմ խնդրել։ | ||
+ | |||
+ | ― Այդ դեպքում ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել։ | ||
+ | |||
+ | ― Խորհրդով։ Ասացեք, ինչպե՞ս պետք է վարվեմ սըր Հենրի Բասկերվիլի հետ, որը ժամանելու է Վաթերլոոյի կայարան, ― դոկտոր Մորտիմերը նայեց ժամացույցին, ― ուղիղ մեկ ժամ տասնհինգ րոպեից։ | ||
+ | |||
+ | ― Ժառանգորդը հենց դա՞ է։ | ||
+ | |||
+ | ― Այո, սըր Չարլզի մահից հետո մենք տեղեկություններ հավաքեցինք նրա մասին և պարզեցինք, որ նա Կանադայում է ու վարում է իր ֆերմայի գործերը։ Դատելով կարծիքներից, դա մի հիանալի, արժանավոր երիտասարդ է։ Ես այժմ խոսում եմ ոչ թե որպես բժիշկ, այլ որպես վստահված անձ և սըր Չարլզի կտակակատար։ | ||
+ | |||
+ | ― Ժառանգության ուրիշ հավակնորդներ չկա՞ն։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ Մյուս միակ ազգականը, որի մասին մեզ հաջողվեց ինչ֊որ բան իմանալ, Ռոջեր Բասկերվիլն է՝ դժբախտ սըր Չարլզի կրտսեր եղբայրը։ Եղբայրները երեքն էին։ Միչնեկը, որ մահացել է ջահել հասակում, այս Հենրիի հայրն է։ Կրտսերը՝ Ռոջերը, ընտանիքում համարվում էր քոսոտ ոչխար։ Նա ժառանգել էր բասկերվիլյան դեսպոտիզմը և ջրի երկու կաթիլի պես նման էր Հուգո Բասկերվիլի ընըտանեկան նկարին։ Անգլիայում Ռոջերը յոլա չգնաց և հարկադրված էր թաքնվել Կենտրոնական Ամերիկայում, որտեղ և մեռավ 1876 թվականին, դեղնախտից։ Հարրին Բասկերվիլների վերջին շառավիղն է։ Մեկ ժամ հինգ րոպեից հետո ես պետք է նրան դիմավորեմ Վաթերլոոյի կայարանում։ Նա հեռագրով տեղեկացրել է ինձ, որ այսօր առավոտյան ժամանելու է Սաութհեմպտոն։ Այսպես, ուրեմն, միստր Հոլմս, խորհուրդ տվեք, թե ինչպե՞ս վարվեմ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչո՞ւ նա անմիջապես չմեկնի իր տոհմական կալվածքը։ | ||
+ | |||
+ | ― Այո, այդպիսի որոշումը միանգամայն բնական է։ Բայց հիշեցեք, բոլոր Բասկերվիլները, որոնք ապրել են այնտեղ, ողբերգական վախճան են ունեցել։ Համոզված եմ, որ եթե սըր Չարլզը հնարավորություն ունենար մահից առաջ խոսելու ինձ հետ, թույլ չէր տա իր տոհմի վերջին շառավիղին բերել այդ սարսափելի վայրը։ Միաժամանակ չի կարելի ժխտել, որ մեր ողջ դժգույն, աղքատիկ շրջանի բարեկեցությունը կախված է այն բանից, թե արդյոք սըր Հենրին կհամաձայնի՞ ապրել իր կալվածքում, թե ոչ։ Եթե Բասկերվիլ֊հոլլը ամայանա, սըր Չարլզի բոլոր ձեռնարկումները հօդս կցնդեն։ Ես վախենում եմ տեղական գործերում իմ անձնական շահագրգռվածությունը գլուխ բարձրացնի իմ մեջ, ուստի դիմում եմ ձեր խորհրդին։ | ||
+ | |||
+ | Հոլմսը մտքերի մեջ ընկավ։ | ||
+ | |||
+ | ― Երկու խոսքով ասած՝ իրադրությունն այսպիսին է, ― վերջապես խոսեց նա։ ― Դուք գտնում եք, որ մի չար ուժ Դարթմուրը վտանգավոր վայր է դարձնում Բասկերվիլների համար։ Ես ձեզ ճի՞շտ եմ հասկացել։ | ||
+ | |||
+ | ― Համենայն դեպս, որոշ պատճառներ կան այդպիսի երկյուղի համար։ | ||
+ | |||
+ | ― Այդպես։ Բայց եթե գերբնական ուժերի ձեր տեսությունը ճիշտ է, ուրեմն դրանք կարող են երիտասարդին կործանել ոչ միայն Դևոնշիրում, այլև Լոնդոնում։ Դժվար է սատանային պատկերացնել այդքան նեղ տեղային իշխանությամբ։ Չէ որ նա որևէ ծխական վարչության անդամ չէ։ | ||
+ | |||
+ | ― Միստր Հոլմս, եթե դուք անձամբ դեմ առնեիք այս ամենին, այդպես չէիք կատակի։ Ուրեմն, ձեր կարծիքով, երիտասարդի համար տարբերություն չկա՝ Լոնդոնո՞ւմ ապրել, թե Դևոնշիրում։ Հիսուն րոպեից հետո նա այստեղ կլինի։ Խորհուրդ տվեք՝ ի՞նչ անել։ | ||
+ | |||
+ | ― Խորհուրդ եմ տալիս, սըր, կառք կանչել, վերցնել հետներդ ձեր սպանիելին, որը չանգռոտում է շքամուտքի դուռը, և գնալ կայարան՝ սըր Հենրի Բասկերվիլին դիմավորելու։ | ||
+ | |||
+ | ― Իսկ հետո՞։ | ||
+ | |||
+ | ― Հետո կսպասեք, մինչև ես կմշակեմ հետագա գործողությունների ծրագիրը, իսկ մինչ այդ ոչինչ չասեք նրան։ | ||
+ | |||
+ | ― Դրա համար որքա՞ն ժամանակ է հարկավոր ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Մեկ օր։ Դոկտոր Մորտիմեր, դուք ինձ հույժ պարտավորեցրած կլինեք, եթե վաղն առավոտյան ժամը տասին այստեղ գաք, հետներդ բերելով սըր Հենրի Բասկերվիլին։ Ես պետք է ծանոթանամ նրա հետ։ | ||
+ | |||
+ | ― Լավ, միստր Հոլմս։ | ||
+ | |||
+ | Նա տեսակցության ամսաթիվն ու ժամը գրեց բազկապանին և էլի նույն ցրվածությամբ նայելով շուրջը, արագ դուրս գնաց սենյակից։ | ||
+ | |||
+ | Հոլմսը հարթակից ձայն տվեց նրան․ | ||
+ | |||
+ | ― Եվս մի հարց, դոկտոր Մորտիմեր․ ասում եք ուրվականը առաջներում է՞լ է երևացել ճահճուտում։ | ||
+ | |||
+ | ― Այո, այդ մասին պատմել են երեք հոգի։ | ||
+ | |||
+ | ― Իսկ սըր Չարլզի մահից հետո այդպիսի բան եղե՞լ է։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ։ Չեմ լսել։ | ||
+ | |||
+ | ― Շնորհակալ եմ։ Հաջողություն։ | ||
+ | |||
+ | Հոլմսը նստեց իր տեղը բազմոցի անկյունում ու ժպտաց այն հանգիստ, գահունակ ժպիտով, որը միշտ հայտնվում էր նրա դեմքին, երբ առջևում իրեն արժանի խնդիր էր ծառանում։ | ||
+ | |||
+ | ― Ուոթսն, գնո՞ւմ եք։ | ||
+ | |||
+ | ― Այո, եթե ոչ մի բանով չեմ կարող օգտակար լինել։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, բարեկամս, ես դիմում եմ ձեր օգնությանը, երբ հարկ է լինում գործի անցնել։ Բայց ի՜նչ հոյակապ գործ է։ Շատ կողմերով ուղղակի արտակարգ։ Երբ անցնելու լինեք Բրեդլիի մոտով, խնդրեցեք նրան մեկ ֆունտ ամենաթունդ ծխախոտ ուղարկի ինձ։ Նախապես շնորհակալ եմ։ Աշխատեցեք մինչև երեկո չվերադառնալ։ Այն ժամանակ մենք ձեզ հետ հաճույքով կարծիքներ կփոխանակենք այն արտակարգ հետաքրքիր խնդրի շուրջ, որը այս առավոտ տվին մեզ։ | ||
+ | |||
+ | Առանձնությունն ու հանգիստը անհրաժեշտ էին բարեկամիս լարված մտավոր աշխատանքի ժամերին, երբ նա ծանրութեթև էր անում գործի բոլոր չնչին մանրամասները, իրար ետևից տարբեր վարկածներ առաջադրում, համեմատում դրանք ու որոշում, թե ո՛ր հաղորդումներն են էական և որոնք կարելի է մի կողմ դնել։ Այդ պատճառով ես ամբողջ օրն անցկացրի ակումբում և Բեյքր֊ստրիտ վերադարձա երեկոյան, ժամը իննի մոտերքը։ | ||
+ | |||
+ | Ես բացեցի հյուրասենյակի դուռը ու վախեցա՝ արդյոք հրդեհ չէ՞ մեզ մոտ․ սենյակում այնպիսի ծուխ էր կանգնած, որ լամպի լույսը հազիվ էր նշմարվում։ Բայց իմ երկյուղն ավելորդ էր․ քթիս զարկեց ամենաթունդ, էժանագին ծխախոտի կծու հոտը, որից կոկորդս քերվեց։ Ծխի վարագույրի միջից հազիվ նկատեցի բազկաթոռում հարմար տեղավորված Հոլմսին։ Նա խալաթով էր․ ատամների մեջ պահում էր կավե մուգ ծխամորճը։ Շուրջը փռված էին թղթի ինչ֊որ փաթեթներ։ | ||
+ | |||
+ | ― Մրսե՞լ եք, Ուոթսն, ― հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, պարզապես շունչս կտրվեց այս թունավոր խունկերից։ | ||
+ | |||
+ | ― Այո, դուք, կարծես, իրավացի եք․ այստեղ մի քիչ ծխած է։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ մի քիչ։ Օդ չկա շնչելու։ | ||
+ | |||
+ | ― Այդ դեպքում բացեք պատուհանը։ Տեսնում եմ՝ ամբողջ օրը նստած եք եղել ակումբում։ | ||
+ | |||
+ | ― Հոլմս, թանկագի՜նս․․․ | ||
+ | |||
+ | ― Ճի՞շտ է։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, ճիշտ է, բայց դուք ինչպե՞ս․․․ | ||
+ | |||
+ | Նա ծիծաղեց․ նայելով իմ շփոթված կերպարանքին։ | ||
+ | |||
+ | ― Ձեր միամտությունը պարզապես սքանչելի է, Ուսթսն։ Եթե իմանայիք՝ որքա՜ն հաճելի է իմ համեստ ուժերը ձեզ վրա փորձել․․․ Ջենտլմենը տանից դուրս է գալիս անձրևոտ, զզվելի եղանակին։ Երեկոյան վերադառնում է մաքուր, առանց որևէ բծի։ Առաջվա պես ցիլինդրն ու կոշիկները պսպղում են։ Հետևաբար, ամբողջ օրը նստած է եղել որևէ տեղում։ Նա մոտ բարեկամներ չունի։ Ուրեմն, որտե՞ղ է եղել։ Մի՞թե պարզ չէ։ | ||
+ | |||
+ | ― Այո, միանգամայն պարզ է։ | ||
+ | |||
+ | ― Աշխարհը լի է նման պարզություններով, բայց ոչ ոք դրանք չի նկատում։ Ինչ եք կարծում, ես որտե՞ղ եմ եղել։ | ||
+ | |||
+ | ― Նույնպես ամբողջ օրը նստած եք եղել։ | ||
+ | |||
+ | ― Ահա և սխալվեցիք։ Ես եղել եմ Դևոնշիրում։ | ||
+ | |||
+ | ― Մտովի՞։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն ճիշտ է։ Մարմինս մնացել էր այստեղ, բազկաթոռում, և, որքան էլ ցավալի է, հասցրել է օրվա ընթացքում երկու մեծ սրճաման սուրճ խմել ու անհավատալի քանակությամբ ծխախոտ ծխել։ Հենց որ դուք գնացիք, ես մարդ ճամփեցի Ստենֆորդի մոտ դարթմուրյան ճահիճների քարտեզի ետևից, և իմ ոգին ամբողջ օրը թափառում էր նրանց մեջ։ Այժմ հուսով եմ, որ ինչպես հարկն է գիտեմ այդ վայրերը։ | ||
+ | |||
+ | ― Խոշո՞ր մասշտաբի քարտեզ է։ | ||
+ | |||
+ | ― Այո, շատ խոշոր։ ― Նա բացեց այդ քարտեզի մի բաժինը և դրեց ծնկներին։ ― Ահա հենց այն շրջանը, որ հետաքրքրում է մեզ։ Մեջտեղում Բասկերվիլ֊հոլլն է։ | ||
+ | |||
+ | ― Շրջապատված անտառո՞վ։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն ճիշտ է։ Այստեղ կարմրածառի ծառուղին չի նշված, բայց կարծում եմ այն ձգվում է աջից, ճահիճներին զուգահեռ։ Ահա այս շինությունների փոքրիկ խումբը հենց այն Գրիմպեն գյուղակն է, որտեղ գտնվում է մեր բարեկամ դոկտոր Մորտիմերի շտաբ֊կայանը։ Ինչպես տեսնում եք, հինգ մղոն շրջագծով հազվադեպ են բնակավայրեր հանդիպում։ Ահա սա Լեֆտեր֊հոլլն է, որի մասին դոկտորը հիշատակեց։ Այստեղ, հավանաբար, բնախույզ Ստեփլտոնի տունն է, եթե նրա ազգանունը ճիշտ եմ հիշում։ Ահա սրանք երկու ֆերմաներն են՝ «Քարե սյուները» և «Հոտած ճահիճը»․ նրանցից տասնչորս մղոնի վրա պրինսթաունյան տաժանակրային բանտն է։ Իսկ այս զատ֊զատ կետերի միջև ու նրանց շուրջը փռված են կենսազուրկ, մռայլ ճահիճները։ Ահա այն թատերաբեմը, որտեղ խաղացվել է այդ ողբերգությունը, որը, թերևս, մեկ անգամ էլ խաղացվի մեր աչքերի առաջ։ | ||
+ | |||
+ | ― Այո, վայրի տեղեր են։ | ||
+ | |||
+ | ― Բեմը ավելի լավ չէր էլ կարող ձևավորվել։ Եթե սատանան իսկապես ցանկացել է խառնվել մարդկային գործերին․․․ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն դուք է՞լ եք հակված այդ ամենի մեջ գերբնական բան տեսնելու։ | ||
+ | |||
+ | ― Իսկ մի՞թե սատանայի գործակիցները չեն կարող մարմնավորվել։ Ամենից առաջ պետք է լուծել երկու հարց։ Առաջին՝ արդյոք այստեղ ոճրագործություն կատարվե՞լ է։ Երկրորդ՝ ո՞րն է այդ ոճրագործությունը և ի՞նչպես է կատարվել։ Իհարկե, եթե դոկտոր Մորտիմերը իրավացի է իր կասկածներում, և մենք գործ ունենք այնպիսի ուժերի հետ, որոնք չեն ենթարկվում բնության օրենքներին, ապա մնում է զենքերը վայր դնել։ Բայց դրանով հանգստանալուց առաջ պետք է մինչև վերջ փորձել մյուս վարկածները։ Եկեք պատուհանը փակենք, եթե չեք առարկում։ Որքան էլ դա տարօրինակ թվա, բայց, ըստ իս, ծխախոտի ծխի խտացումը նպաստում է մտքի կենտրոնացմանը։ Ես դեռ չեմ հասել այնտեղ, որ խորհրդածությունների ժամանակ փակվեմ արկղի մեջ, բայց իմ տեսության տրամաբանական եզրակացությունը հենց այդ է որ կա։ Դե ինչ, դուք հասցրե՞լ եք մտածել այս գործի մասին։ | ||
+ | |||
+ | ― Ամբողջ օրը մտքիցս չի հեռացել։ | ||
+ | |||
+ | ― Եվ ի՞նչ եզրակացության եք հանգել։ | ||
+ | |||
+ | ― Խճողված պատմություն է։ | ||
+ | |||
+ | ― Այո, հույժ ինքնատիպ պատմություն։ Հատկապես որոշ մանրամասնություններ։ Օրինակ, հետքերի փոխված բնույթը։ Դա ինչպե՞ս եք բացատրում։ | ||
+ | |||
+ | ― Մորտիմերն ասում էր, իբր սըր Չարլզը ծառուղու այդ հատվածն անցել է ոտքի մատների վրա։ | ||
+ | |||
+ | ― Նա կրկնեց միայն հետաքննության ժամանակ ասված ինչ֊որ ապուշի խոսքերը։ Մարդ ինչո՞ւ պետք է ծառուղով ոտքի մատների վրա քայլի։ | ||
+ | |||
+ | ― Հապա բանն ի՞նչ է։ | ||
+ | |||
+ | ― Նա վազե՜լ է, Ուոթսն։ Վազել է, որքան ոտքերում ուժ է ունեցել, որպեսզի փրկվի։ Այնպես է վազել, որ սիրտը չի դիմացել, և վազելու պահին էլ մեռած ցած է տապալվել։ | ||
+ | |||
+ | ― Որպեսզի փրկվի՞։ Բայց ումի՞ց։ | ||
+ | |||
+ | ― Ամբողջ խնդիրն էլ հենց այդ է։ Դատելով որոշ տվյալներից, Չարլզ Բասկերվիլը վախից գլուխը կորցրել է դեռևս փախուստից առաջ։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ եք այդպես կարծում։ | ||
+ | |||
+ | ― Այն, ինչը նրան այդպես վախեցրել է, շարժվել է նրա վրա ճահճուտից։ Եթե չեմ սխալվում, ― իսկ ըստ երևույթին հենց այնպես էլ եղել է, ինչպես ենթադրում եմ, ― ապա միայն խելագարը կարող է վազել ոչ թե դեպի տուն, այլ հակառակ կողմը։ Հետաքննության ժամանակ գնչուն ցուցմունք է տվել, որ սըր Չարլզը օգնություն էր կանչում, սակայն վազում էր այն ուղղությամբ, որտեղից ամենից քիչ կարող էր օգնություն սպասել։ Հետո, ևս մի հանելուկ․ այդ գիշեր նա ո՞ւմ էր սպասում, և ինչո՞ւ պիտի տեսակցությունը տեղի ունենար ծառուղում և ոչ թե տանը։ | ||
+ | |||
+ | ― Կարծուն եք նա մեկին սպասո՞ւմ էր։ | ||
+ | |||
+ | ― Ինքներդ դատեցեք․ հիվանդ, ծեր մարդը երեկոյան դուրս է գալիս զբոսանքի՝ այստեղ ոչ մի զարմանալի բան չկա։ Բայց չէ՞ որ այդ օրը խոնավ էր, ցուրտ։ Ուրեմն, ինչո՞ւ պետք է հենց այնպես կանգներ դռնակի մոտ հինգ, գուցե և տասը րոպե, ինչպես հաստատում է դոկտոր Մորտիմերը, որը ուշադրություն է դարձրել սիգարի մոխրին։ Ի միջի այլոց, որքան էլ տարօրինակ է, բայց չի կարելի ժխտել, որ նա լավ դիտողականություն ունի։ | ||
+ | |||
+ | ― Սըր Չարլզը ամեն երեկո էր այդպիսի զբոսանք կատարում։ | ||
+ | |||
+ | ― Եվ ամեն երեկո կանգ էր առնում դռնակի մո՞տ։ Հազիվ թե։ Ընդհակառակը, տեղեկություններ կան, որ սըր Չարլզը ձգտում էր հեռու մնալ ճահիճներից։ Իսկ այդ գիշեր նա այնտեղ ինչ֊որ մեկին սպասել է։ Եվ դա եղել է նրա ենթադրյալ Լոնդոն մեկնելու նախօրյակին։ Տեսնո՞ւմ եք, Ուոտսն, թե ինչպես է ամեն ինչ դասավորվում օղակ առ օղակ։ Իսկ հիմա բարի եղեք ինձ տալ այդ ջութակը, և մենք այս գործին վերաբերող հոգսերը կհետաձգենք, հուսալով, որ դոկտոր Մորտիմերի և սըր Հենրի Բասկերվիլի վաղվա այցելությունը մտմտալու նոր սնունդ կտա մեզ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ IV Սըր Հենրի Բասկերվիլը== | ||
+ | |||
+ | |||
+ | Մենք վաղ նախաճաշեցինք, և Հոլմսը խալաթը հագնելով պատրաստվեց այցելուներին ընդունելու։ Մեր հաճախորդները ոչ մի վայրկյան չուշացան․ հենց որ ժամացույցը զարկեց տասը, դոկտոր Մորտիմերը ներս մտավ երիտասարդ բարոնետի ուղեկցությամբ։ Վերջինս երեսունին մոտ, ոչ բարձրահասակ, թիկնեղ, ամրակազմ երիտասարդ էր։ Նա թողնում էր շատ աշխույժ, առողջ մարդու տպավորություն։ Դեմքի արտահայտությունը համառ թվաց ինձ․ խաժ աչքերը հանդուգն նայում էին մեզ թավ, մուգ հոնքերի տակից։ Սպորտային ձևվածքի դարչնագույն կոստյումը և թուխ, հողմահար մաշկը վկայում էին, որ նա ամենևին էլ նստակյաց ու փափկասուն մարդ չէ, միաժամանակ հանգիստ, վստահ կեցվածքը վկայում էր նրա իսկական ջենտլմեն լինելը։ | ||
+ | |||
+ | ― Սըր Հենրի Բասկերվիլ, ― ներկայացրեց դոկտոր Մորտիմերը։ | ||
+ | |||
+ | ― Այո, նա ինքը, ― ասաց բարոնետը։ Եվ ամենահետաքրքրականն այն է, միստր Հոլմս, որ եթե իմ բարեկամը չառաջարկեր այցելել ձեզ, ես պիտի ձեզ մոտ գայի սեփական նախաձեռնությամբ։ Ասում են, դուք կարողանում եք լուծել ամենատարբեր ռեբուսներ, իսկ ես հենց այս առավոտ բախվեցի այնպիսի մի հանելուկի, որը անկարող եմ լուծել։ | ||
+ | |||
+ | ― Նստեցեք, սըր Հենրի։ Եթե ես ձեզ ճիշտ հասկացա, ապա Լոնդոն ժամանելիս ձեզ հետ ինչ֊որ արտակարգ բա՞ն է կատարվել։ | ||
+ | |||
+ | ― Ես դրան մի առանձին ուշադրություն չէի դարձնի, միստր Հոլմս։ Ըստ երևույթին, ինչ֊որ մեկը որոշել էր կատակել ինձ հետ։ Բայց այս առավոտ ես ստացա ահա այս նամակը, եթե միայն սա արժանի է նման ուշադրության։ | ||
+ | |||
+ | Նա սեղանին դրեց մի ծրար, և մենք սկսեցինք զննել այն։ Դա ամենասովորական գորշ թղթե ծրար էր։ Հասցեն՝ «Նորթումբերլենդ» հյուրանոց, սըր Հենրի Բասկերվիլին», ― գրված էր խոշոր տպատառերով, փոստային կնիքի վրա՝ «Չերինգ֊կրոսս» և ուղարկման ամսաթիվը՝ նախորդ օրվա երեկոն։ | ||
+ | |||
+ | ― Որևէ մեկը գիտե՞ր, որ դուք իջևանելու եք «Նորթումբերլենդ» հյուրանոցում, ― հարցրեց Հոլմսը, քննախույզ մի հայացք նետելով մեր հյուրի վրա։ | ||
+ | |||
+ | ― Ոչ ոք չգիտեր։ Ես որոշեցի որտեղ եմ իջևանելու դոկտոր Մորտիմերին հանդիպելուց հետո միայն։ | ||
+ | |||
+ | ― Բայց, հավանաբար, դոկտոր Մորտիմերն ինքն է՞լ է այնտեղ իջևանել։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, ես ապրում եմ ծանոթներիս մոտ, ― ասաց դոկտորը։ ― Ոչ ոք չէր կարող իմանալ, որ մենք գնալու ենք այդ հյուրանոցը։ | ||
+ | |||
+ | ― Հը՜մ, ուրեմն, ինչ֊որ մեկը խիստ հետաքրքրվում է ձեր տեղաշարժումներով։ | ||
+ | |||
+ | Հոլմսը ծրարից հանեց քառածալ թուղթը, բացեց ու դրեց սեղանին։ Էջի մեջտեղում միայն մի նախադասություն կար՝ կազմված սոսնձով իրար կպցրած տպագիր բառերից։ «Եթե ողջամտությունն ու կյանքը թանկ են ձեզ համար, հեռու մնացեք տորֆային ճահիճներից»։ «Տորֆային Ճահիճներից» բառերը ձեռագիր էին, գրված թանաքով։ | ||
+ | |||
+ | ― Այսպես ահա, միստր Հոլմս, ― ասաց սըր Հենրի Բասկերվիլը, ― գուցե դուք կբացատրեք, թե այս ամենն ի՞նչ է նշանակում, և ո՞վ է այդպես հետաքրքրվում իմ գործերով։ | ||
+ | |||
+ | ― Դոկոտոր Մորտիմեր, իսկ դո՞ւք ինչ կասեք։ Այս անգամ կարծես ոչ մի գերբնական բան չկա այստեղ։ | ||
+ | |||
+ | ― Այո, սըր, բայց գուցե նամակն ուղարկել է մի մարդ, որը համոզված է, որ ամբողջ այս պատմությունը լիովին գերբնական է։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ պատմություն, ― կտրուկ հարցրեց սըր Հենրին։ ― Ջենտլմեններ, ըստ երևութին դուք իմ գործերին ավելի լավ եք ծանոթ, քան ես։ | ||
+ | |||
+ | ― Մենք ամեն ինչ կպատմենք ձեզ, սըր Հենրի։ Առանց դրա դուք այստեղից չեք հեռանա, հավատացեք իմ խոսքին, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Իսկ հիմա եկեք զբաղվենք այս հույժ հետաքրքրական փաստաթղթով, որը պատրաստվել է ու փոստարկղ գցվել երեկ երեկոյան։ Ուոթսն, մենք երեկվա «Թայմսը» ունե՞նք։ | ||
+ | |||
+ | ― Ահա այնտեղ, անկյունում դրված է։ | ||
+ | |||
+ | ― Բարի եղեք, խնդրեմ, տալ ինձ այն էջը, որտեղ առաջնորդողն է։ | ||
+ | |||
+ | Նա արագ աչքի անցկացրեց այն․ «Առևտրի ազատությունը․․․»։ Հիանալի առաջնորդող է։ Թույլ տվեք բարձրաձայն կարդալ մի պարբերություն։ «Եթե որևէ մեկն աշխատի ներշնչել ձեզ, որ արդյունաբերության այն ճյուղը, որով դուք անձամբ հետաքրքրվում եք, գտնվում է պրոտեկցիոն տարիֆների հովանավորության ներքո, հեռու մնացեք այդպիսի մարդուց, քանզի ողջամտությունը պետք է ձեզ հուշի, որ նմանօրինակ սիստեմը վերջ ի վերջո կքայքայի մեր արտահանությունը և կխախտի մեր կղզու նորմալ կյանքը, որի շահերը թանկ են բոլորիս համար»։ Ի՞նչ կասեք սրան, Ուոթսն, ― բացականչեց Հոլմսը, ուրախ շփելով ձեռքերը։ ― Փայլո՜ւն միտք է, այնպես չէ՞։ | ||
+ | |||
+ | Դոկտոր Մորտիմերը նայեց Հոլմսին, ինչպես հոգատար բժիշկները նայում են ծանր հիվանդ պացիենտներին, իսկ սըր Հենրի Բասկերվիլը իր խաժ աչքերի տարակուսալի հայացքը հառեց ինձ վրա։ | ||
+ | |||
+ | ― Ես այնքան էլ գլուխ չեմ հանում տարիֆային քաղաքականությունից, ― ասաց նա, ― բայց ինձ թվում է, որ մենք փոքր֊ինչ շեղվեցինք մեր թեմայից։ | ||
+ | |||
+ | ― Ընդհակառակը, սըր Հենրի, մենք գնում ենք թարմ հետքերով։ Ուոթսնը ձեզանից ավելի լավ է ծանոթ իմ մեթոդին, բայց վախենամ կարդացած հատվածի իմաստը սպրդեց անգամ նրանից։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, խոստովանում եմ, ես ոչ մի կապ չեմ տեսնում դրա ու նամակի միջև։ | ||
+ | |||
+ | ― Իսկ այդ կապը, թանկագին Ուոթսն, այնքան սերտ է, որ ըստ էության մեկը թխված է մյուսից։ «Եթե», «ձեզ», «հեռու մնացեք», «ողջամտություն», «կյանք», «թանկ են»։ Մի՞թե չեք կռահում, թե այս բառերը որտեղից են վերցված։ | ||
+ | |||
+ | ― Ա՛խ, գրո՜ղը տանի, ― բացականչեց սըր Հենրին։ ― Իհարկե, դուք իրավացի եք։ Ինչպիսի՜ փայլուն կռահում։ | ||
+ | |||
+ | ― Եթե դեռևս տարակուսում եք, ապա նայեցեք խնդրեմ «հեռու մնացեք» բառերին՝ դրանք կտրված են միասին։ | ||
+ | |||
+ | ― Հապա՛․․․ Այո, իսկապես։ | ||
+ | |||
+ | ― Գիտեք, միստր Հոլմս, ես նույնիսկ չէի պատկերացնում, թե այդպիսի բաները հնարավոր են, ― ասաց դոկտոր Մորտիմերը՝ զարմանքով նայելով բարեկամիս։ ― Կռահել, որ բառերը կտրված են լրագրային տեքստից՝ դա էլի ոչինչ։ Բայց անսխալ ցույց տալ թերթը, ի՜նչ եմ ասում, ցույց տալ այն հոդվածը, որից դրանք վերցված են, դա վեր է ամեն մի պատկերացումից։ Դուք ինչպե՞ս կռահեցիք։ | ||
+ | |||
+ | ― Դոկտոր, ես կարծում եմ, որ դուք նեգրի գանգը կարող եք տարբերել էկսիմոսի գանգից։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, կարող եմ։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս։ | ||
+ | |||
+ | ― Բայց ախր դա իմ սիրած թեման է։ Ակնհայտ է մեկի ու մյուսի տարբերությունը։ Վերհոնքյան աղեղներ, դիմային անկյուն, ծնոտի կարռուցվածք։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ ունեմ իմ սիրած թեման։ Ըստ իս, «Թայմսի» առաջնորդողների շպոններով բորգեսի<ref>Բորգես ― տպագրական տառատեսակ։ Շպոններ ― մետաղյա թեթև շերտիկներ, օգտագործվում են շարվածքի տողերի միջև հեռավորությունը մեծացնելու համար</ref> և երեկոյան էժանագին թերթիկների աղոտ տառերի միջև տարբերությունը պակաս ակնհայտ չէ, քան ձեր նեգրերի ու էսկիմոսների միջև եղած տարբերությունը։ Տառերի իմացությունը խուզարկուին առաջադրվող ամենատարրական պահանջներից մեկն է, չնայած, պիտի խոստովանեմ, որ պատանեկության օրերում ես մի անգամ «Լեդի Մերկուրիոսը» շփոթեցի «Առավոտյան լուրերի» հետ։ Բայց «Թայմսի» առաջնորդողը ոչ մեկի հետ շփոթել չի կարելի, և այս բառերը կարող էին կտրված լինել միայն այնտեղից։ Իսկ քանի որ նամակն ուղարկված է երեկ, ամեն ինչ հուշում էր, որ նախ պետք էր նայել երեկվա համարը։ | ||
+ | |||
+ | ― Միստր Հոլմս, ― ասաց սըր Հենրին, ― ուրեմն, այս նամակն ինչ֊որ մեկը կազմել է, կտրելով մկրատով․․․ | ||
+ | |||
+ | ― Մատնահարդարման մկրատով, ― ընդհատեց նրան Հոլմսը։ ― Ուշադրություն դարձրե՞լ եք, թե ինչ կարճ ծայրեր ունեն դրանք․ «հեռու մնացեք» բառերը կտրելիս հարկ է եղել երկու կտրվածք անել։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն ճիշտ է։ Ինչ֊որ մեկն այդ բառերը փոքրիկ մկրատով կտրել ու սոսնձել է է թղթին․․․ | ||
+ | |||
+ | ― Արաբական խեժով, ― հուշեց Հոլմսը։ | ||
+ | |||
+ | ― ․․․ և դրանք սոսնձել է թղթին արաբական խեժով։ Բայց այդ դեպքում «տորֆային ճահճուտը» բառերն ինչո՞ւ են ձեռքով գրված։ | ||
+ | |||
+ | ― Որովհետև նամակի հեղինակը դրանք թերթում չի գտել։ Մյուս բոլոր բառերը բավական սովորական են, դրանց կարելի է հանդիպել ուզած տեքստում, իսկ սրանք համեմատաբար հազվադեպ են պատահում։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն ճշմարտանման բացատրություն։ Միստր Հոլմս, ուրիշ էլ ի՞նչ հաջողվեց ձեզ կարդալ այստեղ։ | ||
+ | |||
+ | ― Որոշ բան հաջողվեց, չնայած հեղինակը ջանք չի խնայել, որպեսզի ոչնչացնի ամենաչնչին հանցանշանները։ Ինչպես ինքներդ էլ կարող եք համոզվել, հասցեն գրված է խոշոր տպատառերով։ Բայց «Թայմսի» նման թերթը հազվադեպ է հասարակ մարդկանց ձեռքն ընկնում։ Հետևաբար, այստեղից հետևում է, որ նամակը կազմել է կրթված մի մարդ, որն ուզում է անկիրթ երևալ ու դիտմամբ փոխել է ձեռագիրը, ըստ երևույթին վախենալով ճանաչվելուց, եթե ոչ հիմա, ապա հետագայում։ Բացի դրանից, ուշադրություն դարձրեք, որ բառերը անհավասար են սոսնձված, մի մասը բարձրացել է տողից վերև։ Օրինակ, «կյանք» բառը բոլորովին իր տեղում չէ։ Սա ցույց է տալիս հեղինակի անփութությունը, գուցե և հուզմունքը կամ շտապողականությունը, քանի որ այդ մարդը դժվար թե անփույթ գտնվեր այդպիսի, ըստ էության, լուրջ գործում։ Եթե նա իսկապես շտապել է, ապա հետաքրքիր է իմանալ՝ ինչո՞ւ։ Չէ որ երեկ գրված նամակը այսպես թե այնպես պետք է սըր Հենրիին հասներ հյուրանոցում։ Գուցե հեղինակը վախեցել է ինչ֊որ խոչընդոտից։ Բայց ո՞ւմ կողմից։ | ||
+ | |||
+ | ― Մենք կարծես ընկնում ենք ենթադրությունների բնագավառը, ― նկատեց դոկտոր Մորտիմերը։ | ||
+ | |||
+ | ― Ավելի լավ է ասեք՝ այն բնագավառը, որտեղ ծանրութեթև են արվում բոլոր հնարավորությունները, որպեսզի դրանցից ընտրվեն ամենաարժանահավատները։ Այսպիսին է երևակայության ուժի գիտական օգտագործումը, որը մասնագետների մոտ միշտ էլ գործում է նյութական հաստատուն հիմքի վրա։ Դուք սա, իհարկե, զուտ ենթադրություն կհամարեք, բայց ես համարյա համոզված եմ, որ հասցեն գրված է որևէ հյուրանոցում։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ եք այդպես կարծում։ | ||
+ | |||
+ | ― Ծրարն ավելի ուշադիր զննեք և կտեսնեք, որ գրենական պիտույքների հարցում գրողի բախտը չի բերել։ Գրչածայրը երկու անգամ դեմ է առել նույն բառի վրա, և նա ստիպված գրիչը երեք անգամ թաթախել է թանաքամանի մեջ՝ այդպիսի մի կարճ հասցե գրելու համար։ Ուրեմն, թանաքը քիչ է եղել, հատակին միայն։ Սեփական թանաք֊գրիչը հազվադեպ է այդպիսի վիճակի հասցվում, իսկ որպեսզի թե՛մեկը, թե՛ մյուսը հրաժարվեն ծառայելուց՝ այդ արդեն բացառիկ դեպք է։ Սակայն, ինչպես գիտեք, հյուրանոցներում գրեթե որիշ տեսակ գրիչներ ու թանաքամաններ չեն լինում։ Այո՛, ես համարյա առանց տատանվելու կասեմ, որ եթե մեզ հաջողվեր ստուգել Չերինգ֊կրոսի մոտակայքում գտնվող բոլոր հյուրանոցների թղթի զամբյուղները և հայտնաբերել «Թայմսի» առաջնորդողի կտրատված մնացորդները, իսկույն կգտնեինք այս տարօրինակ ուղերձի հեղինակին․․․ Սպասեցե՛ք, սպասեցե՛ք, այս ի՞նչ բան է։ | ||
+ | |||
+ | Նա սկսեց ուշադիր դիտել էջը, որի վրա սոսնձված էին բառերը, պահելով այն աչքերից մեկ֊երկու դյույմ հեռավորության վրա։ | ||
+ | |||
+ | ― Դե ի՞նչ։ | ||
+ | |||
+ | ― Չէ, ոչինչ, ― ասաց Հոլմսը և նամակը դրեց սեղանին։ ― Թուղթը բոլորովին հարթ է, նույնիսկ առանց ջրանիշների։ Չէ, մենք այս հետաքրքիր նամակից քամեցինք այն ամենը, ինչ հնարավոր էր։ Իսկ այժմ, սըր Հենրի, պատմեցեք, թե Լոնդոն ժամանելու պահից որևէ արտակարգ բան չի՞ պատահել ձեզ հետ։ | ||
+ | |||
+ | ― Դե ոչ, միստր Հոլմս, կարծես առանձին ոչ մի բան։ | ||
+ | |||
+ | ― Ոչ ոք ձեզ չի՞ դարանակալել, չի՞ հետևել։ | ||
+ | |||
+ | ― Ես կարծես ընկել եմ ինչ֊որ դետեկտիվ վեպի մեջ, ― ասաց մեր հյուրը։ ― Ո՞ւմ խելքին պետք է փչի հետամտել ինձ։ | ||
+ | |||
+ | ― Սպասեցեք, մենք կխոսենք նաև այդ մասին։ Իսկ առայժմ մտածեցեք՝ մի՞թե որևէ պատմելու բան չունեք։ | ||
+ | |||
+ | ― Նայած թե ինչը արժանի կհամարեիք ձեր ուշադրությանը։ | ||
+ | |||
+ | ― Այն ամենը, ինչ որևէ կերպ դուրս է մնում կյանքի սովորական շրջանակներից։ | ||
+ | |||
+ | Սըր Հենրին ժպտաց։ | ||
+ | |||
+ | ― Համարյա ամբողջ մանկությունս ու պատանեկությունս անցել է Միացյալ Նահանգներում ու Կանադայում, այդ պատճառով էլ անգլիական կենցաղը դեռևս նորություն է ինձ համար։ Սակայն դժվար թե ձեզ մոտ նորմալ համարվի այն, երբ հանկարծ մարդու կոշիկի թայը կորչում է։ | ||
+ | |||
+ | ― Դուք կորցրել եք կոշիկի մի թա՞յը։ | ||
+ | |||
+ | ― Բարեկա՛մս, ― բացականչեց դոկտոր Մորտիմերը, ձեր կոշիկը պարզապես մի տեղ խցկել են, կգտնվի։ Արժե՞ միստր Հոլմսին անհանգստացնել այդպիսի մանրուքներով։ | ||
+ | |||
+ | ― Բայց նա հարցնում է, թե որևէ տարօրինակ բան չի՞ պատահել ինձ հետ։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն ճիշտ է, ― ասաց Հոլմսը, ― ինձ հետաքրքրում է ամեն մի մանրուք, որքան էլ անհեթեթ լինի։ Ուրեմն, դուք կորցրել եք կոշիկի թայը։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, բայց գուցե իսկապես մի տեղ խցկել են այն։ Երեկ երեկոյան ես կոշիկներս դրեցի դռան ետևը, իսկ առավոտյան այնտեղ միայն մի թայն էր։ Ինձ այնպես էլ չհաջողվեց միջանցքի աշխատողից խելացի պատասխան ստանալ։ Ամենացավալին այն է, որ ես դրանք գնել էի ընդամենը նախօրյակին, Սթրենդում, և նույնիսկ դեռ չէի հագել։ | ||
+ | |||
+ | ― Դուք նոր կոշիկները տվել էիք մաքրմա՞ն։ Ինչո՞ւ։ | ||
+ | |||
+ | ― Դրանք բաց դարչնագույն էին։ Ես պատվիրեցի մաքրել մուգ քսուկով։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, Լոնդոն գալուն պես անմիջապես գնացիք կոշի՞կ գնելու։ | ||
+ | |||
+ | ― Ես ընդհանրապես շրջում էի խանութներում։ Դոկտոր Մորտիմերն ընկերակցում էր ինձ։ Բանն այն է, որ եթե մարդուս վիճակված է մեծ կալվածքի տեր դառնալ, ապա ուրեմն նա պետք է նաև հագնվի ըստ պատշաճի, իսկ ես, ապրելով արևմուտքում, այնքան էլ կարևորություն չէի տալիս իմ հարդարանքին։ Այլ բաների թվում գնեցի նաև այդ կոշիկները՝ վեց դոլար արժողությամբ։ Եվ ահա, այնպես էլ չհաջողվեց դրանք հագնել։ | ||
+ | |||
+ | ― Եթե դա գողություն է, ապա բավական անմիտ, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Ճիշտն ասած, ես համաձայն են դոկտոր Մորտիմերի հետ՝ ձեր կոշիկը շուտով կգտնվի։ | ||
+ | |||
+ | ― Իսկ այժմ, ջենտլմեններ, ― վճռականորեն խոսեց բարոնետը, ― հերիք է դատողություններ անել այն մասին, ինչը ես մինչև հիմա էլ կարգին չգիտեմ։ Ժամն է կատարելու ձեր խոստումն ու բացատրելու, թե այս խոսակցություններն ինչի՞ համար են։ | ||
+ | |||
+ | ― Օրինական պահանջ է, ― համաձայնեց Հոլմսը։ ― Դոկտոր Մորտիմեր, կարծում եմ դուք ինքներդ պետք է ամեն ինչ պատմեք սըր Հենրիին, ինչպես պատմեցիք մեզ։ | ||
+ | |||
+ | Քաջալերված այդ խնդրանքից, մեր գիտնական բարեկամը հանեց գրպանից ձեռագիրն ու լրագիրը և բառ առ բառ կրկնեց իր երեկվա պատմությունը։ Սըր Հենրին լսում էր խորին ուշադրությամբ, մերթ ընդ մերթ զարմացական բացականչություններով ընդհատելով դոկտորին։ | ||
+ | |||
+ | ― Այո, լա՜վ ժառանգություն է բաժին ընկել ինձ, ― ասաց նա, երբ երկարաշունչ պատմությունն ավարտվեց։ ― Իհարկե, շան մասին ես լսել էի դեռևս մանկական տարիներից։ Այդ լեգենդը սիրում էին պատմել մեր ընտանիքում, չնայած մինչև հիմա էլ ես ոչ մի նշանակություն չեմ տալիս դրան։ Իսկ ինչ վերաբերում է հորեղբորս մահվան, ապա գլխումս ամեն ինչ այնպես է խառնվել, որ դեռ ոչինչ չեմ կարող հասկանալ։ Ասենք, իմ կարծիքով դուք ինքներդ էլ չգիտեք, ում պետք է դիմել՝ քահանայի՞, թե ոստիկանի։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն ճիշտ է։ | ||
+ | |||
+ | ― Հիմա էլ այս նամակը։ Ըստ երևույթին, սա որևէ կապ ունի իրադարձությունների ընդհանուր ընթացքի հետ։ | ||
+ | |||
+ | ― Այո, դատելով սրանով, ինչ֊որ մեկը մեզանից շատ ավելի լավ գիտե, թե ինչ է կատարվում տորֆային ճահիճներում, ― ասաց դոկտոր Մորտիմերը։ | ||
+ | |||
+ | ― Եվ այդ «ինչ֊որ մեկը», ըստ երևույթին, բարեհաճ է ձեր նկատմամբ, քանի որ նախազգուշացնում է վտանգի մասին, ― ասաց Հոլմսը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ գուցե ընդհակառակը՝ ինչ֊որ մեկին շահավետ է վախեցնել Բասկերվիլ֊հոլլից։ | ||
+ | |||
+ | ― Դա էլ չի բացառվում․․․ Դոկտոր Մորտիմեր, դուք անչափ պարտավորեցրիք ինձ, այսպիսի հետաքրքիր ու դժվարին խնդիր առաջադրելով։ Սըր Հենրի, իսկ այժմ պետք է ըստ էության որոշել՝ կարո՞ղ եք մեկնել Բասկերվիլ֊հոլլ, թե ոչ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչո՞ւ չպիտի մեկնեմ։ | ||
+ | |||
+ | ― Ըստ երևույթին, դա անվտանգ չէ։ | ||
+ | |||
+ | ― Այդ վտանգը որտեղի՞ց է գալիս՝ մեր ընտանեկան խրտվիլակի՞ց, թե մարդկանցից։ | ||
+ | |||
+ | ― Հենց դա էլ մենք պիտի պարզենք։ | ||
+ | |||
+ | ― Ինչ էլ որ լինի, իմ պատասխանն այս է․ ո՛չ դժոխային ուժերը, ո՛չ էլ մարդկային խարդավանքները չեն կարող ինձ այստեղ պահել։ Ես կմեկնեմ իմ նախնիների տունը։ Որոշված է վերջնականապես։ ― Նրա մուգ հոնքերը հավասարվեցին, թուխ դեմքը կարմրատակեց։ Բասկերվիլյան անհնազանդությունն իրեն ակնհայտորեն զգացնել տվեց նաև տոհմի այս վերջին շառավղի մեջ։ ― Ես դեռևս ժամանակ չեմ ունեցել կշռադատելու այն ամենը, ինչ այստեղ ձեզանից լսեցի։ Այնքան էլ հեշտ չէ ամեն ինչ մեկեն յուրացնել ու որոշել հետագա անելիքը։ Կուզենայի գոնե մի ժամ առանձին մնալ ու ամեն ինչի մասին մտածել։ Գիտեք ինչ, միստր Հոլմս, հիմա տասնմեկն անց է կես, և ես ուղիղ կգնամ հյուրանոց։ Ի՞նչ կլինի, եթե դուք և ձեր բարեկամ դոկտոր Ուոթսնը ժամը երկուսի մոտերքը գաք մեզ մոտ նախաճաշելու։ Մինչ այդ ես այնուամենայնիվ մի բան կորոշեմ։ | ||
+ | |||
+ | ― Ուոթսն, ձեզ հարմա՞ր է։ | ||
+ | |||
+ | ― Լիովին։ | ||
+ | |||
+ | ― Այդ դեպքում մենք կգանք։ Կառք կանչե՞մ ձեզ համար։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, ավելի լավ է քայլեմ․ մի փոքր ուշքի կգամ մեր այս խոսակցությունից հետո։ | ||
+ | |||
+ | ― Ես հաճույքով կմիանամ ձեզ, ― ասաց նրա ուղեկիցը։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, ժամը երկուսին կտեսնվենք։ Մինչ նոր հանդիպում, հաջողություն։ | ||
+ | |||
+ | Մենք լսեցինք, թե ինչպես մեր այցելուները աստիճաններով իջան ներքև ու ետևներից ծածկեցին մուտքի դուռը։ Հոլմսը մի ակնթարթում կերպարանափոխվեց․ նրա նվաղկոտությունից հետք անգամ չմնաց, նա նորից դարձավ գոծողության մարդ։ | ||
+ | |||
+ | ― Հագնվե՛ք, Ուոթսն, շո՛ւտ։ Ոչ մի վայրկյան չի կարելի կորցնել։ | ||
+ | |||
+ | Ընթացքի մեջ հանելով խալաթը, նա արագ մտավ իր սենյակն ու երկու֊երեք րոպեից հետո վերադարձավ արդեն սերթուկով։ Մենք աստիճաններով վազեցինք ցած, փողոց։ Դոկտոր Մորտիմերն ու Բասկերվիլը դեռ երևում էին առջևում, երկու հարյուր քայլի վրա։ Նրանք քայլում էին Օքսվորդ֊ստրիտի ուղղությամբ։ | ||
+ | |||
+ | ― Հասնե՞նք նրանց։ | ||
+ | |||
+ | ― Ոչ մի դեպքում, բարեկամ։ Եթե դուք ինձ հետ չեք ձանձրանում, ապա ես ձեզ հետ՝ առավել ևս։ Մեր բարեկամներն իրավացի են՝ այսպիսի առավոտյան զբոսնելը միայն հաճույք է։ | ||
+ | |||
+ | Նա քայլերն արագացրեց, և մեր ու մեր քիչ առաջվա այցելուների միջև տարածությունն աստիճանաբար կիսով չափ կրճատվեց։ Շարունակելով պահպանել այդ հեռավորությունը, մենք նրանց ետևից թեքվեցինք Օքսվորդ֊ստրիտ, հետո՝ Ռիջենթ֊ստրիտ։ Խանութներից մեկի մոտ սըր Հենրին ու դոկտոր Մորտիմերը կանգ առան՝ դիտելով ցուցափեղկը։ Հոլմսը նույնպես կանգ առավ։ Մի վայրկյան անց նա գոհունակությամբ քմծիծաղեց և, հետևելով նրա ուշադիր հայացքին, ես նկատեցի, որ փողոցի մյուս կողմում կանգնած կառքը, որի պատուհանից երևում էր ուղևորը, դանդաղ առաջ շարժվեց։ | ||
+ | |||
+ | ― Այ հենց նա էլ մեզ պետք է, Ուոթսն։ Գնանք։ Աշխատենք գոնե մի լավ զննել այդ մարդուն։ | ||
+ | |||
+ | Հենց այդ պահին, կառքի կողքի պատուհանում երևաց ու կորավ մի խիտ սև մորուք, և ինչ֊որ մեկի աչքերը շեշտակի հայացքով չափեցին մեզ․ դրանից հետո անմիջապես բացվեց վերևի պատուհանիկը, ուղևորն ինչ֊որ բան գոռաց կառապանին, և կառքը սրընթաց սլացավ Ռիջենտ֊ստրիտով։ Հոլմսը շուրջը նայեց, ազատ կառք փնտրելով, բայց իզուր՝ ազատ կառք չկար։ Այդ ժամանակ նա նետվեց փողոցային երթևեկության ամենաբանուկ տեղը, կառքի ետևից, որը արագորեն անհետացավ մեր աչքից։ | ||
+ | |||
+ | ― Ա՛խ, գրո՛ղը տանի, ― սրտնեղությունից գունատված, հազիվ արտաբերեց նա, դուրս գալով երթևեկության հոսանքից։ ― Այ թե բախտներս չբերե՜ց։ Ամեն ինչում ինքս եմ մեղավոր։ Ուոթսն, Ո՛ւոթսն, եթե գոնե մի կաթիլ օրինավորություն ունեք, իմ այս անփութությունը կգրանցեք ձեր տարեգրության մեջ հաջողությունների կողքին։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ մարդ էր դա։ | ||
+ | |||
+ | ― Պատկերացում չունեմ։ | ||
+ | |||
+ | ― Լրտե՞ս։ | ||
+ | |||
+ | ― Այո, երևում է՝ ինչ֊որ մեկը Լոնդոն գալու պահից հետևում է Բասկերվիլին։ Այլապես որտեղի՞ց է հայտնի, որ նա իջևանել է «Նորթումբերլենդ» հյուրանոցում։ Ես մտածում էի այսպես․ եթե նրան հետևել են առաջին օրը, ապա կհետևեն նաև հետագայում։ Դուք, հավանաբար, ուշադրություն դարձրիք, որ ես երկու անգամ մոտեցա պատուհանին, երբ դոկտոր Մորտիմերը կարդում էր իր լեգենդը։ | ||
+ | |||
+ | ― Այո, հիշում եմ։ | ||
+ | |||
+ | ― Ինձ հետաքրքրում էր, թե արդյոք որևէ մեկը չի՞ թրևում տան շուրջը, բայց ոչ մի կասկածելի մարդ չտեսա։ Մենք գործ ունենք խելացի անձնավորության հետ, Ուոթսն։ Այս ամենը շատ լուրջ է, և չնայած ինձ համար պարզ չէ, թե ինչ ուժեր են գործում այստեղ՝ բարի, թե չար, այնուամենայնիվ, շարունակ զգում եմ ինչ֊որ մեկի կողմնակի միջամտությունը, ինչ֊որ մեկի ճշգրիտ հաշվարկները։ Երբ մեր նոր բարեկամները հեռացան, ես անմիջապես նետվեցի նրանց ետևից, հուսալով հենց այդտեղ էլ որսալ նրանց անորսալի ստվերը։ Իսկ այդ խորամանկը չէր համարձակվել ոտքով գալ ու կառք էր վերցրել, որպեսզի հարկ եղած դեպքում հետևի նրանց կամ հասնի, միաժամանակ աննկատ մնալով։ Նրա հնարն ունի նաև այն առավելությունը, որ եթե մեր բարեկամները ևս կառք նստեին, նա աչքից չէր կորցնի նրանց։ Բայց այնուամենայնիվ այդ հնարը խոցելի մի տեղ ունի։ | ||
+ | |||
+ | ― Կառապա՞նը։ | ||
+ | |||
+ | ― Հենց նա։ | ||
+ | |||
+ | ― Ափսոս կառքի համարը չնկատեցինք։ | ||
+ | |||
+ | ― Սիրելիդ իմ Ուոթսն, ճիշտ է, այս անգամ ես պարծենալու բան չունեմ, բայց մի՞թե մի վայրկյան անգամ կասկածում եք, որ ես համարը չեմ նկատել։ Խնդրեմ՝ երկու հազար յոթ հարյուր չորս։ Ասենք, հիմա դա մեզ պետք չէ։ | ||
+ | |||
+ | ― Չեմ հասկանում, թե դուք ուրիշ ի՞նչ կարող էիք անել։ | ||
+ | |||
+ | ― Տեսնելով նրան, ես պետք է իսկույն թեքվեի հակառակ կողմը, անշտապ կառք վերցնեի ու պատկառելի հեռավորությամբ հետևեի առաջինին։ Իսկ ավելի լավ կլիներ ուղիղ հյուրանոց գնալ ու այնտեղ սպասել հետագա իրադարձություններին։ Այդ խորհրդավոր անծանոթը Բասկերվիլին կուղեկցեր մինչև դուռը, և մենք հենց իր հնարի օգնությամբ կարող էինք հետևել, թե հետո ուր է գնում։ Իսկ հիմա մեր հակառակորդը ապշեցուցիչ ճարպկությամբ օգտվեց իմ անտեղի շտապողականությունից, որը լիովին մատնեց մեզ, ու ես հետքը կորցրի։ | ||
+ | |||
+ | Այս խոսակցության միջոցին մենք դանդաղ քայլում էինք Ռիջենթ֊ստրիտով, արդեն առջևում չտեսնելով դոկտոր Մորտիմերին և իր ուղեկցին։ | ||
+ | |||
+ | ― Հիմա ոչ մի իմաստ չունի հետևել նրանց, ― ասաց Հոլմսը։ ― Նրանց ստվերը չքացավ ու այլևս չի հայտնվի։ Պետք է տեսնել, թե մենք ինչ հաղթաթղթեր ունենք ու համարձակորեն օգտագործենք դրանք։ Մի լավ տնտղեցի՞ր կառքում նստած մարդու դեմքը։ | ||
+ | |||
+ | ― Դեմքը՝ ոչ, բայց մորուքը տեսա։ | ||
+ | |||
+ | ― Ես նույնպես․․․ իսկ այստեղից հետևում է, որ մորուքը, ամենայն հավանականությամբ, կեղծ էր։ Երբ խելոք մարդը մտնում է այսպիսի համարձակ, հատուկ զգուշություն պահանջող ձեռնարկության մեջ, մորուքը նրան հարկավոր է քողարկման համար։ Մտնենք այստեղ, Ուոթսն։ | ||
+ | |||
+ | Հոլմսը մտավ այդ շրջանի առաքման գրասենյակներից մեկը, որի պետը նրան գրկաբաց ընդունեց։ | ||
+ | |||
+ | ― Օհո՜, Ուիլսն, տեսնում եմ, չեք մոռացել իմ օգնությունը այն փոքրիկ գործում։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ եք ասում, սըր, մի՞թե դա կմոռացվի։ Ես ձեզ եմ պարտական իմ ազնիվ անունը, գուցե և կյանքը։ | ||
+ | |||
+ | ― Չափազանցում եք, բարեկամս։ Ի դեպ, Ուիլսն, որքան հիշում եմ, ձեզ մոտ Քարթրայթ անունով մի տղա կար, որը մեծ խելամտություն հանդես բերեց ձեր գոծի հետաքննության ժամանակ։ | ||
+ | |||
+ | ― Այո, սըր, նա հիմա էլ ինձ մոտ է աշխատում։ | ||
+ | |||
+ | ― Չի՞ կարելի արդյոք կանչել նրան։ Շնորհակալ եմ։ Եվ էլի մի բան․ բարի եղեք մանրել այս հինգ ֆունտը։ | ||
+ | |||
+ | Պետի կանչին ներկայացավ տասնչորսամյա մի պատանի՝ աշխույժ, խելացի դեմքով։ Նա կանգնեց մեր առաջ՝ խորին պատկառանքով նայելով նշանավոր խուզարկուին։ | ||
+ | |||
+ | ― Տվեք ինձ «Հյուրանոցների ուղեցույցը», ― ասաց Հոլմսը։ ― Շնորհակալ եմ։ Նայիր, Քարթրայթ, ահա սրանք Չերինգ֊կրոսի շրջանի քսաներեք հյուրանոցների անուններն են։ Տեսնո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | ― Այո, սըր։ | ||
+ | |||
+ | ― Դու հերթով կշրջես բոլոր հյուրանոցները։ | ||
+ | |||
+ | ― Լսում եմ, սըր։ | ||
+ | |||
+ | ― Ու նախ բարապաններին մեկական շիլինգ կտաս։ Ահա քեզ քսաներեք շիլինգ։ | ||
+ | |||
+ | ― Լսում եմ, սըր։ | ||
+ | |||
+ | ― Կասես, որ քեզ անհրաժեշտ է նայել երեկվա զամբյուղներից թափված աղբը։ Կբացատրես այսպես․ մի շատ կարևոր հեռագիր սխալմամբ ուղարկել են ոչ այն հասցեով, և քեզ պատվիրել են գտնել այն։ Պա՞րզ է։ | ||
+ | |||
+ | ― Այո, սըր։ | ||
+ | |||
+ | ― Բայց իրականում դու պետք է փնտրես «Թայմս» թերթի այն էջը, որը մի քանի տեղից մկրատով կտրատված է։ Ահա «Թայմսի» համարը, իսկ հարկավոր է այս էջը։ Կարո՞ղ ես սա տարբերել մյուսներից։ | ||
+ | |||
+ | ― Այո, սըր։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, բարապանները քեզ կուղարկեն միջանցքի սպասավորների մոտ։ Նրանց էլ մեկական շիլինգ կտաս։ Ահա քեզ ևս քսաներեք շիլինգ։ Քսաներեք դեպքից քսանում, հավանաբար պարզվի, որ աղբը զամբյուղից դուրս են թափել կամ այրել են։ Բայց մնացած երեք հյուրանոցում քեզ ցույց կտան թղթերի կույտերը, որոնց մեջ էլ կփնտրես այս էջը։ Հաջողության հավանականությունը շատ քիչ է։ Համենայն դեպս, տալիս եմ ևս տասը շիլինգ։ Երեկոյան հեռագրիր ինձ Բեյքր֊ստրիտ, թե գործերդ ինչպես են․․․ Իսկ հիմա, Ուոթսն, մնում է հեռագրով հարցում անել երկու հազար յոթ հարյուր չորս համարի կառապանի մասին, որից հետո կմտնենք Բոնդ֊ստրիտի որևէ պատկերասրահ ու մինչև նախաճաշի ժամը կանցկացնենք այնտեղ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ V Երեք կտրված թել== | ||
+ | |||
+ | |||
+ | Շերլոկ Հոլմսը զարմանալի ընդունակություն ուներ՝ անջատվել գործերի մասին մտածելուց։ Նա ամբողջովին տարվեց ժամանակակից բելգիական նկարիչների աշխատանքներով և երկու ժամ, ըստ երևույթին, ոչ մի անգամ չհիշեց այն տարօրինակ պատմության մասին, որի մեջ հանգամանքների բերումով ներգրավվել էինք նաև մենք։ Պատկերասրահից մինչև «Նորթումբերլենդ» ամբողջ ճանապարհին նա խոսում էր միայն գեղանկարչության մասին, չնայած այդ մարզում նրա ըմբռնումները ծայրաստիճան պարզունակ էին։ | ||
+ | |||
+ | ― Սըր Հենրի Բասկերվիլը վերևում սպասում է ձեզ, ― զեկուցեց նախասրահի հերթապահը։ ― Նա խնդրեց հյուրերին իսկույն իր մոտ տանել։ | ||
+ | |||
+ | ― Թույլ կտա՞ք նայել ձեր կենվորների ցուցակը, ― հարցրեց Հոլմսը։ | ||
+ | |||
+ | ― Խնդրեմ, սըր։ | ||
+ | |||
+ | «Բակերվիլ» ազգանունից հետո մատյանում կար ևս երկու գրանցում․ «Թեոֆիլիուս Ջոնսոն, ընտանյոք հանդերձ, Նյուքասլից» և միսիս Օլդմոռ՝ աղախնի հետ, Էլտոնից»։ | ||
+ | |||
+ | ― Արդյոք սա այն Ջոնսոնը չէ՞, որին ես մի ժամանակ ճանաչում էի, ― հարցրեց Հոլմսը հերթապահին։ ― Նա փաստաբան է, ալեհեր և փոքր֊ինչ կաղում է։ | ||
+ | |||
+ | ― Ոչ սըր, միստր Ջոնսոնը ածխահանքերի տեր է, դեռևս ոչ ծեր ջենտլմեն , ձեր տարիքի։ | ||
+ | |||
+ | ― Համոզվա՞ծ եք, որ նա փաստաբան չէ։ | ||
+ | |||
+ | ― Համոզված եմ, սըր։ Միստր Ջոնսոնը մեր հաճախակի հյուրն է, առաջին տարին չէ, որ մենք ճանաչում ենք նրան։ | ||
+ | |||
+ | ― Այո՞։ Դե, չեմ վիճում։ Միսիս Օլդմոռ․․․ Ինչ֊որ տեղ լսել եմ այս ազգանունը։ Ներեցեք հետաքրքրասիրությանս համար, բայց երբեմն այնպես է պատահում, որ փնտրում ես մի ծանոթի, գտնում ես մեկ ուրիշին։ | ||
+ | |||
+ | ― Միսիս Օլդմոռը վատառողջ կին է, սըր։ Նրա ամուսինը մի ժամանակ եղել է Գլոստերի քաղաքագլուխը։ Քաղաք գալիս, նա իջևանում է միայն մեզ մոտ։ | ||
+ | |||
+ | ― Շնորհակալ եմ։ Հավանաբար, ես նրան շփոթում եմ մեկ ուրիշ լեդիի հետ․․․ Ուոթսն, ― կիսաձայն շարունակեց Հոլմսը, ― այս հարցերը մեզ օգնեցին պարզել մի շատ կարևոր փաստ՝ մեր բարեկամներով այդքան հետաքրքրվող մարդիկ այստեղ չեն իջևանել։ Նշանակում է, ջանասիրությամբ հետևելով Հենրիի յուրաքանչյուր քայլին, ինչում արդեն համոզվեցինք, նրանք նույնպիսի ջանասիրությամբ խուսափում են երևալ նրա աչքին։ Իսկ սա շատ բան է ասում։ | ||
+ | |||
+ | ― Ինչի՞ մասին։ | ||
+ | |||
+ | ― Դե, թեկուզ այն, որ․․․ ― Հելլո՜։ Բարեկամս, ի՞նչ է պատահել։ | ||
+ | |||
+ | Մենք բարձրացանք վերին հարթակը ու դեմ առանք սըր Հենրի Բասկերվիլին։ Նա դուրս վազեց սանդուղքի վրա, բարկությունից ամբողջովին կարմիր կտրած, ձեռքին բռնած հին, փոշոտ կոշիկը։ Կատաղությունից լեզուն նույնիսկ փաթ էր ընկնում, և երբ վերջապես կարողացավ խոսել, ապա մեկեն անցավ ամերիկյան ակցենտի, որ առավոտյան չէինք նկատել։ | ||
+ | |||
+ | ― Ինձ ո՞ւմ տեղն են դնում այստեղ, հիմարի՞, ― գոչեց սըր Հենրին։ ― Թույլ չե՛մ տա կատակել ինձ հետ։ Եթե այդ կոճղի կտորը կոշիկս չգտնի, սկանդալ կսարքեմ։ Ես էլ հումորի զգացում ունեմ, միստր Հոլմս, բայց այս անգամ այստեղի կատակասերները մի փոքր չափն անցել են։ | ||
+ | |||
+ | ― Դեռ ձեր կորցրա՞ծն եք փնտրում։ | ||
+ | |||
+ | ― Այո, փնտրում եմ ու մինչև չգտնեմ, չեմ հանգստանա։ | ||
+ | |||
+ | ― Բայց կարծեմ դուք խոսում էիք բաց դարչնագույն կոշիկի մասին։ | ||
+ | |||
+ | ― Այո, սըր, իսկ այժմ նույն պատմությունը սևի հետ է։ | ||
+ | |||
+ | ― Ինչպես, մի՞թե այս անգամ էլ․․․ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ այդպես։ Ես ընդամենը երեք զույգ կոշիկ ունեի՝ նոր, բաց դարչնագույն, հին՝ սև ու լաքե, որոնք այժմ հագիս են։ Երեկ երեկոյան կորավ դարչնագույն կոշիկի թայը, իսկ այսօր տարել են նաև սևը․․․ Դե, գտա՞ք։ Պատասխանեցեք, վերջապես, ի՞նչ եք աչքներդ չռել վրաս։ | ||
+ | |||
+ | Հարթակին երևաց հուզված գերմանացի սպասավորը։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, սըր, ես բոլորին հարցրի․ ոչ ոք ոչինչ չգիտի։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, լսեք․ կամ դուք մինչև երեկո կգտնեք կոշիկս, կամ ես կգնամ կառավարչի մոտ ու կհայտնեմ, որ անհապաղ հեռանում եմ այստեղից։ | ||
+ | |||
+ | ― Կոշիկը կգտնվի, սըր․․․ Խոստանում եմ, որ կգտնվի։ Մի րոպե համբերություն, սըր։ | ||
+ | |||
+ | ― Նկատի ունեցեք՝ սա վերջին անգամն է։ Ես այլևս թույլ չեմ տա, որ ինձ կողոպտեն ձեր գողերի որջում․․․ Միստր Հոլմս, ներեցեք, խնդրեմ, որ ձեզ անհանգստացնում եմ այսպիսի դատարկ բաներով։ | ||
+ | |||
+ | ― Իսկ այդ դատարկ բաներն արժանի են անհանգստության։ | ||
+ | |||
+ | ― Դուք արդեն շատ լուրջ եք մոտենում դրանց։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք ինքներդ ինչպե՞ս կբացատրեք դա։ | ||
+ | |||
+ | ― Ես նույնիսկ չեմ փորձում բացատրել։ Երբեք կյանքումս սրանից ավելի անհեթեթ ու ավելի տարօրինակ բան չի պատահել ինձ։ | ||
+ | |||
+ | ― Ավելի տարօրինա՞կ․․․ Այո, թերևս այդպես է, ― մտախոհ ասաց Հոլմսը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք ի՞նչ կասեք այս մասին։ | ||
+ | |||
+ | ― Ես, իսկապես, դեռ ոչինչ չեմ հասկանում։ Խիստ խճճված պատմություն է, սըր Հենրի։ Եթե սա կապելու լինենք ձեր հորեղբոր մահվան հետ, ապա դա կլինի, թերևս, ամենաբարդը այն հինգ հարյուր լուրջ գործերից, որ ինձ հաջողվել է բացահայտել։ Բայց իմ ձեռքում կան ուրիշ թելեր, որոնցից մեկնումեկը պետք է որ անպայման մեզ հասցնի հանելուկի լուծմանը։ Մենք կարող ենք ավելորդ ժամանակ կորցնել՝ կառչելով ոչ այն թելից, որ պետք էր, բայց վաղ թե ուշ կգտնենք նաև անհրաժեշտը։ | ||
+ | |||
+ | Նախաճաշը խիստ հաճելի անցավ, մենք միայն հարևանցիորեն անդրադարձանք այն հարցերին, որոնք բոլորիս ի մի էին բերել։ Հոլմսը միայն այնժամ հետաքրքրվեց Բասկերվիլի հետագա ծրագրերով, երբ մենք մտանք նրա համարը։ | ||
+ | |||
+ | ― Ես կգնամ Բասկերվիլ֊հոլլ։ | ||
+ | |||
+ | ― Ե՞րբ։ | ||
+ | |||
+ | ― Շաբաթվա վերջում։ | ||
+ | |||
+ | ― Ձեր որոշումը ես ճիշտ եմ համարում, ― ասաց Հոլմսը։ ― Հիմա արդեն ես ոչ մի կասկած չունեմ, որ Լոնդոնում հետևում են ձեզ։ Բայց այսպիսի մեծ քաղաքում դժվար է պարզել, թե դրանք ինչ մարդիկ են և ինչ են ուզում ձեզանից։ Եթե նրանք գործում են վատ մտադրությամբ, ձեզ այնպիսի վտանգ է սպառնում, որ մենք անզոր կլինենք կանխել․․․ Դոկտոր Մորտիմեր, դուք գիտե՞ք, որ այսօր առավոտյան, երբ դուրս եկաք իմ մոտից, ձեզ հետևում էին։ | ||
+ | |||
+ | Դոկտոր Մորտիմերը վեր թռավ տեղից։ | ||
+ | |||
+ | ― Հետևո՞ւմ էին։ Ովքե՞ր։ | ||
+ | |||
+ | ― Ահա այդ, դժբախտաբար, չեմ կարող ասել։ Դարթմուրի ձեր հարևանների կամ ծանոթների մեջ կա՞ լայն, սև մորուքով որևէ մեկը։ | ||
+ | |||
+ | ― Ոչ․․․ Սակայն սպասեք։ Դե իհարկե․․․ Սըր Չարլիի ծառայապետը՝ Բերիմոռը սև, լայնատարած մորուք ունի։ | ||
+ | |||
+ | ― Հը՜մ․․․ Իսկ հիմա նա որտե՞ղ է։ | ||
+ | |||
+ | ― Բասկերվիլ֊հոլլում։ Տունը թողնված է նրա հոգածությանը։ | ||
+ | |||
+ | ― Պետք է ստուգել՝ իսկապե՞ս նա այնտեղ է, թե Լոնդոնում։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս անել այդ։ | ||
+ | |||
+ | ― Հեռագրային մի բլանկ տվեք ինձ։ «Պատրա՞ստ եք սըր, Հենրիին ընդունելու»։ Հասցեն․ «Բասկերվիլ֊հոլլ, միստր Բերիմոռին»։ Որտե՞ղ է այնտեղ ձեր մոտակա հեռագրատունը։ Գրիմպենո՞ւմ։ Հինալի՜ է։ Երկրորդ մի հեռագիր կուղարկենք Գրիմպեն, գրասենյակի պետի անունով․ «Խնդրվում է Բեիմոռին հասցեագրված հեռագիրը հանձնել անձամբ իրեն։ Բացակայության դեպքում ետ ուղարկեցեք «Նորթումբերլենդ» հյուրանոց, սըր Հենրի Բասկերվիլին»։ Ահա այսպես։ Երեկոյան կիմանանք՝ արդյոք Բերիմոռը Դևոնշիրո՞ւմ է, թե ոչ։ | ||
+ | |||
+ | ― Հիանալի է, ― ասաց Բասկերվիլը։ ― Ի դեպ, դոկտոր Մորտիմեր, այդ Բերիմոռն ի՞նչ է ներկայացնում իրենից։ | ||
+ | |||
+ | ― Նա կալվածքի հանգուցյալ կառավարչի որդին է։ Բերիմոռների արդեն չորրորդ սերունդը, որը ապրում է Բասկերվիլ֊հոլլում։ Որքան գիտեմ, նա և իր կինը լիովին հարգարժան մարդիկ են։ | ||
+ | |||
+ | ― Բայց և այնպես, ― ասաց սըր Հենրին, ― ինձ համար լիովին պարզ է, որ երբ Բասկերվիլ֊հոլլը մնում է առանց տիրոջ, այդ մարդիկ այնտեղ ապրում են իրենց համար ուրախ֊զվարթ, առանց հոգս ու ցավի։ | ||
+ | |||
+ | ― Այո, ճշմարիտ է։ | ||
+ | |||
+ | ― Բերիմոռը սըր Չարլզի կտակով որևէ բան ստացե՞լ է, ― հացրեց Հոլմսը։ | ||
+ | |||
+ | ― Նրան էլ, կնոջն էլ կտակվել է հինգհարյուրական ֆունտ։ | ||
+ | |||
+ | ― Հը՜մ․․․ Իսկ նրանք ավելի վաղ գիտեի՞ն այդ մասին։ | ||
+ | |||
+ | ― Այո։ Սըր Չարլզը սիրում էր խոսել իր որոշումների մասին՝ մահվան պարագայում։ | ||
+ | |||
+ | ― Հետաքրքիր փաստ է։ | ||
+ | |||
+ | ― Հուսով եմ, որ դուք չեք սկսի կասկածել բոլոր նրանց, ովքեր կտակով բան են ստացել սըր Չարլզից, ― ասաց դոկտոր Մորտիմերը։ ― Ինձ նույնպես հազար ֆունտ է թողել։ | ||
+ | |||
+ | ― Ահա թե ի՜նչ։ Իսկ ուրիշ էլ ո՞ւմ։ | ||
+ | |||
+ | ― Կտակում նշված էին բազմաթիվ մանր գումարներ տարբեր անձանց և խոշոր նվիրատվություններ՝ բարեգործական նպատակներով։ Իսկ ողջ ժառանգությունը մնացել է սըր Հենրիին։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ գումարով է արտահայտվում այն։ | ||
+ | |||
+ | ― Յոթ հարյուր քառասուն հազար ֆունտ։ | ||
+ | |||
+ | Հոլմսը զարմացած վեր բարձրացրեց հոնքերը։ | ||
+ | |||
+ | ― Ես չէի էլ պատկերացնում, որ խոսքը այդպիսի հսկայական կապիտալի մասին է, ― ասաց նա։ | ||
+ | |||
+ | ― Սըր Չարլզը համարվում էր հարուստ մարդ, բայց նրա հարստության ճշմարիտ չափերը պարզվեցին միայն այն բանից հետո, երբ մենք ծանոթացանք արժեթղթերի հետ։ Ժառանգության ընդհանուր գումարը հասնում է մեկ միլիոնի։ | ||
+ | |||
+ | ― Աստվա՜ծ իմ։ Իսկապես, ի սեր նման վիթխարի խաղչեքի արժե համարձակ խաղի մեջ մտնել։ Եվս մի հարց, դոկտոր Մորտիմեր։ Ենթադրենք, թե մեր երիտասարդ բարեկամին մի բան պատահի․․․ Հաճելի վարկած չէ, բայց դուք ինձ ներեցեք։ Այդ դեպքում ո՞վ է ժառանգելու կալվածքը։ | ||
+ | |||
+ | ― Քանի որ սըր Չարլզի կրտսեր եղբայրը՝ սըր Ռոջերը մահացել է ամուրի, Բասկերվիլ֊հոլլը կանցնի հեռավոր ազգականներին՝ Դեսմոնդներին։ Ջեյմս Դեսմոնդը արդեն երիտասարդ չէ։ Նա հոգևորական է և բնակվում է Վեստմոռլենդում։ | ||
+ | |||
+ | ― Շնորհակալ եմ ձեզանից։ Բոլոր այս մանրամասները արտակարգ հետաքրքիր են։ Իսկ դուք առիթ ունեցե՞լ եք հանդիպելու Ջեյմս Դեսմոնդին։ | ||
+ | |||
+ | ― Այո, նա մի անգամ եկավ սըր Չարլզի մոտ։ Նա հույժ հարգարժան արտաքինով ու անբասիր ապրելակերպի մի մարդ է։ Հիշում եմ, որ սըր Չարլզը կամենում էր ապահովել նրան, բայց նա կտրականապես հրաժարվեց, չնայած բոլոր հորդորներին։ | ||
+ | |||
+ | ― Եվ այդպիսի համեստ մարդը կարող է ժառանգել սըր Չարլզի ողջ կարողությո՞ւնը։ | ||
+ | |||
+ | ― Նրան կանցներ միայն կալվածքը, քանի որ այն տոհմական է համարվում, իսկ դրամը նա կստանար միայն այն դեպքում, եթե այժմյան տերը չտնօրինի դա որևէ այլ եղանակով, որը լիովին հնարավոր է, քանզի սըր Հենրին ազատ է ժառանգության հետ վարվելու ըստ իր անձնական հայեցողության։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք կտակն արդեն կազմե՞լ եք, սըր Հենրի։ | ||
+ | |||
+ | Ոչ, միստր Հոլմս, դրա ժամանակը չէր։ Չէ՞ որ ես միայն երեկ եմ իմացել գործերի վիճակի մասին։ Բայց և այնպես, գտնում եմ, որ դրամը չի կարելի անջատել կալվածքից ու տիտղոսից։ Ճիշտ նույնպիսի կարծիքի էր նաև դժբախտ հորեղբայրս։ Մի՞թե Բասկերվիլ֊հոլլի տերը կարող է իր տոհմի անցյալի փառքը վերականգնել, եթե դրա համար միջոցներ չունենա։ Ո՛չ, որտեղ տունն է ու հողը, այնտեղ էլ պիտի լինի դրամը։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն ճիշտ է։ Եվ այսպես, սըր Հենրի, ես ևս գտնում եմ, որ դուք առանց ձգձգումների պետք է մեկնեք Դեվոնշիր, բայց մի վերապահությամբ․ ոչ մի դեպքում չպետք է մենակ մեկնեք։ | ||
+ | |||
+ | ― Դոկտոր Մորտիմերը վերադառնում է ինձ հետ։ | ||
+ | |||
+ | ― Բայց պրակտիկան շատ ժամանակ է խլում դոկտոր Մորտիմերից, և հետո նա ապրելու է Բասկերվիլ֊հոլլից մի քանի մղոնի վրա։ Ոչ, դոկտորը իր ողջ ցանկությամբ հանդերձ ձեզ օգնել չի կարող։ Դուք պետք է ձեզ հետ վերցնեք հավատարիմ այնպիսի մեկին, սըր Հենրի, որը մշտապես ձեզ հետ լինի։ | ||
+ | |||
+ | ― Միստր Հոլմս, մի՞թե կհամաձայնեք ինքներդ գալ։ | ||
+ | |||
+ | ― Եթե գործը ճգնաժամային բնույթ ստանա, ես որևէ կերպ կհասնեմ ձեզ, բայց ինքներդ էլ հասկանում եք, որ իմ ծավալուն պրակտիկան ու մշտական հարցումները, որ ամեն կողմից տեղում են գլխիս, թույլ չեն տալիս անորոշ ժամանակով մեկնել Լոնդոնից։ Հիմա, օրինակ, Անգլիայի ամենահարգարժան դեմքերից մեկը գտնվում է շանտաժիստի ձեռքում, և միայն ես կարող եմ կանխել սպառնացող աղետը։ Ո՛չ, ես ոչ մի կերպ չեմ կարող մեկնել Դարթմուր։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ձեր փոխարեն ո՞ւմ խորհուրդ կտայիք։ | ||
+ | |||
+ | Հոլմսը ձեռքը դրեց ուսիս։ | ||
+ | |||
+ | ― Եթե բարեկամս համաձայնի, ապա ահա մի մարդ, որին կարելի է ծանր պահին վստահել։ Ես այդ բանում համոզվել եմ սեփական փորձով։ | ||
+ | |||
+ | Այդ առաջարկը ձյան հյուսի պես փլվեց գլխիս, բայց Բասկերվիլն արդեն ջերմորեն թոթվում էր ձեռքս, չսպասելով իմ պատասխանին։ | ||
+ | |||
+ | ― Որքա՜ն սիրալիր եք, դոկտոր Ուոթսն, ― բացականչեց նա։ ― Դուք հո տեսնում եք, թե ես ինչպիսի դրության մեջ եմ, իսկ գործի հանգամանքները ծանոթ են ձեզ ինձանից ոչ վատ։ Եթե դուք գաք Բասկերվիլ֊հոլլ ու ապրեք ինձ հետ, ես այդ երբեք չեմ մոռանա։ | ||
+ | |||
+ | Արկածները միշտ էլ ինձ համար ինչ֊որ հատուկ հմայք են ունեցել, իսկ Հոլմսի խոսքերը և այն աշխուժությունը, որով բարոնետը արձագանքեց նրա առաջարկությանը, անչափ շոյեցին ինքնասիրությունս։ | ||
+ | |||
+ | ― Ես հաճույքով կգամ Բասկերվիլ֊հոլլ և չեմ ափսոսա ժամանակը, ― պատասխանեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Դուք մանրամասն հաշվետվություններ կուղարկեք ինձ, ― ասաց Հոլմսը։ ― Ամենավտանգավոր պահին, ― իսկ դա անպայման վրա կհասնի, ― ես կղեկավարեմ ձեր գործողությունները։ Կարծում եմ՝ մեկնումը կարելի է նշանակել շաբաթ օրը։ | ||
+ | |||
+ | ― Դա ձեզ հարմա՞ր է, դոկտոր Ուոթսն։ | ||
+ | |||
+ | ― Լիովին։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, եթե փոփոխություն չլինի, մեկնում ենք շաբաթ օրը տասն անց կեսի գնացքով, Պադինգտոնի կայարաից։ | ||
+ | |||
+ | Վեր կացանք, պատրաստվելով հրաժեշտ տալ, երբ հանկարծ սըր Հենրին բացականչեց, հաղթական տեսքով պահարանի տակից դուրս հանելով բաց դարչնագույն կոշիկի թայը։ | ||
+ | |||
+ | ― Ահա՜ իմ կորուստը։ | ||
+ | |||
+ | ― Թող մյուս հանելուկներն էլ այսպես հեշտ լուծվեն, ― ասաց Հոլմսը։ | ||
+ | |||
+ | ― Բայց, այնուամենայնիվ, սա շատ տարօրինակ է, ― նկատեց դոկտոր Մորտիմերը։ ― Ես դեռ նախաճաշից առաջ խուզարկել եմ ամբողջ սենյակը։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ, ― ասաց Բասկերվիլը։ ― Բոլոր անկյունները տակն ու վրա արի, կոշիկը ոչ մի տեղ չկար։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, մեր նախաճաշելու ժամանակ միջանցքի սպասավորն է դրել այդտեղ։ | ||
+ | |||
+ | Ուղարկեցին գերմանացու ետևից, բայց նա ոչինչ ասել չկարողացավ, հետագա հարցումներն էլ իզուր անցան։ Այդպիսով, արագորեն իրար հաջորդող ու ակնհայտորեն անհեթեթ այդ հանելուկների շարանին ավելացավ ևս մեկը։ Չխոսելով արդեն սըր Չարլզի ողբերգական մահվան մասին, մեր առջև ձգվում էր անբացատրելի դեպքերի ամբողջ մի շղթա, դեպքեր, որոնք կատարվել էին ընդամենը երկու օրվա ընթացքում․ լրագրի կտրտվածքներից կազմված նամակը, կառքի մորուքավոր անծանոթը, սկզբում նոր, դարչնագույն, ապա հին, սև կոշիկների կորուստը և այժմ դարչնագույնի երևան գալը։ | ||
+ | |||
+ | Բեյքր֊ստրիտի ճանապարհին Հոլմսը լուռ նստած էր կառքում․ դատելով նրա կիսված հոնքերից ու լարված հայացքից, փորձում էր, ինչպես և ես, ի մի բերել այդ բոլոր տարօրինակ և, ասես, անհարիր փաստերը։ Ամբողջ օրն ու երեկոն նա անցկացրեց իր աշխատասենյակում՝ ընկղմված ծխի խիտ քուլաների ու մտածմունքների մեջ։ | ||
+ | |||
+ | Ճաշից առաջ երկու հեռագիր հանձնեցին մեզ։ Առաջինում ասված էր․ | ||
+ | |||
+ | «Շրջեցի քսաներեք հյուրանոցներ դժբախտաբար «Թայմսի» կտրտված համար չգտա Քարթրայթ»։ | ||
+ | |||
+ | ― Ահա և մեկեն երկու թել կտրվեց, Ուոթսն։ Չկա ավելի լավ բան, քան այն գործերը, երբ ասես բոլորը խոսքները մեկ են արել քո դեմ։ Հենց այդ ժամանակ էլ սկսում ես տաքանալ։ Ինչ արած, գնանք երրորդ հետքով։ | ||
+ | |||
+ | ― Դուք դեռևս պահեստում ունեք նաև կառապանին։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն ճիշտ է։ Գրանցումների գրասենյակում ես հարցրել եմ նրա ազգանունն ու հասցեն և ամենևին չեմ զարմանա, եթե հենց հիմա այնտեղից պատասխան ստանանք։ | ||
+ | |||
+ | Ղողանջող զանգը ազդարարեց այն մասին, ինչը նույնիսկ գերազանցեց Հոլմսի բոլոր սպասելիքները․ աշխատասենյակի դռան մեջ հայտնվեց բարձրահասակ մի տղամարդ, ըստ երևույթին, հենց ինքը կառապանը։ | ||
+ | |||
+ | ― Գրասենյակում ինձ ասացին, որ էս հասցեով հարցրել են երկու հազար յոթ հարյուր չորս համարի կառքի կառապանին, ― սկսեց նա։ ― Ես արդեն յոթերորդ տարին է, ինչ աշխատում եմ, և մինչև հիմա ոչ մի բողոք չեմ լսել։ Արի, մտածեցի, ինքս գնամ, թող երեսիս ասեն, թե ինչում եմ մեղավոր։ | ||
+ | |||
+ | ― Դուք ոչ մի բանում մեղավոր չեք, սիրելիս, ― ասաց Հոլմսը։ ― Ընդհակառակը, ես ձեզ կես սովերեն կվճարեմ, միայն ճիշտ պատասխանեցեք իմ հարցին։ | ||
+ | |||
+ | ― Մարդ էնպես էլ չի իմանում՝ որտեղ կկորցնի, որտեղ կգտնի, ― քմծիծաղեց կառապանը։ ― Սըր, իսկ ի՞նչ եք ուզում։ | ||
+ | |||
+ | ― Ամենից առաջ ձեր ազգանունն ու հասցեն, եթե նորից հարկավոր կլինեք ինձ։ | ||
+ | |||
+ | ― Ջոն Քլեյթոն, Բոռոուում, Թարպի֊ստրիտ, համար երեք։ Կառքը կանգնում է Շիպլի֊Յարդում, Վաթերլոոյի կայարանի մոտ։ | ||
+ | |||
+ | Շերլոկ Հոլմսը գրեց այդ ամենը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ հիմա, Քլեյթոն, պատմեցեք ձեր ուղևորի մասին, որը այսօր առավոտյան ժամը տասին հսկում էր այս տունը, իսկ հետո Ռիջենտ֊ստրիտով հետևեց երկու ջենտլմենների։ | ||
+ | |||
+ | Կառապանը զարմանքով նայեց Հոլմսին և, ըստ երևույթին, մի փոքր վարանեց։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ պատմեմ, երբ դուք ինձանից էլ լավ գիտեք, ― պատասխանեց նա։ ― Իմ ուղևորն ասաց, որ ինքը խուզարկու է ու պատվիրեց ճշատախոսել այդ մասին։ | ||
+ | |||
+ | ― Դե ահա թե ինչ սիրելիս, այստեղ խնդիրը շատ լուրջ է, և եթե սկսեք որևէ բան թաքցնել, ապա կարող եք տհաճ պատմության մեջ ընկնել։ Ուրեմն, նա իրեն խուզարկո՞ւ անվանեց։ | ||
+ | |||
+ | ― Այո, սըր։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ե՞րբ հայտնեց այդ մասին։ | ||
+ | |||
+ | ― Երբ վճարում էր։ | ||
+ | |||
+ | ― Իսկ էլի որևէ բան ասա՞ծ։ | ||
+ | |||
+ | ― Ասաց իր ազգանունը։ | ||
+ | |||
+ | Հոլմսը հաղթական մի հայացք նետեց ինձ վրա։ | ||
+ | |||
+ | ― Ի՞ր ազգանունը։ Բավական անզգույշ քայլ է նրա կողմից։ Ուրեմն, ի՞նչ էր նրա անունը։ | ||
+ | |||
+ | ― Նրան կոչում են միստր Շերլոկ Հոլմս, ― ասաց կառապանը։ | ||
+ | |||
+ | Կառապանի պատասխանը տառացիորեն շանթահարեց բարեկամիս։ Կյանքումս նրան այդպիսի շփոթված վիճակում չէի տեսել։ Մի երկու րոպե նա չէր կարողանում որևէ բառ արտասանել, ապա բարձրաձայն քրքջաց։ | ||
+ | |||
+ | ― Հարվա՜ծ, Ուոթսն։ Դիպուկ հարված, ― ասաց նա։ ― Սուսերն այնպիսի հակառակորդի ձեռքում է, որն ինձ չի զիջում ո՛չ արագության, ո՛չ ճշգրտության մեջ։ Այս անգամ նա ինձ մատի վրա խաղացրեց։ Ուրեմն, նրան կոչում են Շերլոկ Հոլմս, այո՞։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, սըր, նա ինձ այդպես ասաց։ | ||
+ | |||
+ | ― Հոյակա՜պ է։ Հիմա պատմեք, թե այդ ուղևորին որտե՞ղ վերցրեիք և հետո ի՞նչ եղավ։ | ||
+ | |||
+ | ― Նա ինձ ձեն տվեց առավոտը ինն անց կեսին, Թրաֆալգար պուրակի մոտ։ Ասաց՝ ես խուզարկու եմ և երկու գինեյ խոստացավ, թե որ ճշտորեն կատարեմ հրամանները ու ոչ մի բանի մասին չհարցնեմ։ Դե ինչ, էդպիսի փողից չեն հրաժարվում։ Ես նրան տարա «Նորթումբերլեն» հյուրանոցի մոտ ու կանգնեցի։ Հետո էնտեղից դուրս եկան երկու ջենտլմեն, բորսայից կառք կանչեցին ու եկան էս կողմերը, ձեր փողոցը։ | ||
+ | |||
+ | ― Ահա հենց այս տան մո՞տ, ― հարցրեց Հոլմսը։ | ||
+ | |||
+ | ― Կարող է պատահել, էդ արդեն իմ ուղևորից պիտի հարցնել, նա ավելի լավ գիտի։ Նա ինձ պատվիրեց կանգնել մոտավորապես թաղամասի մեջտեղում, ու մենք էնտեղ էլի մոտ մի ժամ ու կես սպասեցինք։ Հետո էն երկու ջենտլմենները անցան մեր մոտով, ու մենք նրանց ետևից շարժվեցինք։ Բեյքր ստրիտով, թեքվեցինք դեպի․․․ | ||
+ | |||
+ | ― Ես այդ գիտեմ, ― ասաց Հոլմսը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ երբ դուրս եկանք Ռիջենթ֊ստրիտ, նա բարձրացրեց վերևի լուսամուտն ու ձեն տվեց․ «Քշեք Վաթերլոոյի կայարան»։ Ես մտրակեցի իմ զամբիկին, ու տասը րոպեից մենք տեղ հասանք։ Էդտեղ նա տվեց ինձ երկու գինեյ, չխաբեց, ու գնաց դեպի կայարան։ Իսկ վերջում շուռ եկավ ու ասաց․ «Երևի ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ում էիք տանում։ Շերլոկ Հոլմսին»։ Ահա թե էդ բոլորը ոնց եղավ։ | ||
+ | |||
+ | ― Այդպես, հասկանում եմ։ Եվ այլևս նրան չե՞ք տեսել։ | ||
+ | |||
+ | ― Չէ, էլ չեմ տեսել։ | ||
+ | |||
+ | ― Իսկ հիմա նկարագրեք այդ միստր Շերլոկ Հոլմսի արտաքինը։ | ||
+ | |||
+ | Կառապանը ծոծրակը քորեց։ | ||
+ | |||
+ | ― Էդ էնքան էլ հեշտ բան չի։ Նա կլիներ էսպես քառասունի մոտ, միջահասակ, մի քիչ ձեզնից ցածր, սըր։ Մաքուր հագնված, սև, լեն մորուքով, իսկ երեսը գունատ։ Էլ ուրիշ բան չեմ կարող ասել։ | ||
+ | |||
+ | ― Աչքերն ի՞նչ գույնի էին։ | ||
+ | |||
+ | ― Այ, էդ մեկը չեմ նկատել։ | ||
+ | |||
+ | ― Ուրիշ ոչինչ չե՞ք հիշում։ | ||
+ | |||
+ | ― Չէ, սըր։ | ||
+ | |||
+ | ― Դե լավ, ահա ձեր կես սովերենը։ Իսկ մյուս կեսը կստանաք, եթե այդ մարդու մասին էլի որևէ բան իմանաք։ Հաջողություն։ | ||
+ | |||
+ | ― Բարի առողջություն, սըր։ Շնորհակալ եմ։ | ||
+ | |||
+ | Ջոն Քլեյթոնը խնդմնդալով դուրս գնաց, իսկ Հոլմսը թոթվեց ուսերն ու հիասթափված ժպիտով դարձավ ինձ․ | ||
+ | |||
+ | ― Երրորդ թելն էլ չդիմացավ, ― ասաց նա։ ― Այժմ բարի եղեք ամեն ինչ սկսել սկզբից։ Այ քեզ խորամանկ սատանա՜։ Իմացել է մեր տան համարը, իմացել է, որ սըր Հենրի Բասկերվիլը եկել է այստեղ խորհրդի, նկատել է ինձ Ռիջենթ֊ստրիտում, գլխի է ընկել, որ կառքի համարը նշված է և որ կառապանին կփնտրեն֊կգտնեն ու որոշել է ձեռ առնել ինձ։ Լավ հիշեցեք խոսքս, Ուոթսն, այս անգամ մենք գործ ունենք արժանավոր հակառակորդի հետ։ Լոնդոնում ես պարտություն կրեցի։ Հույս ունենանք, որ Դևոնշիրում դուք կորցրածը ետ կբերեք։ Բայց և այնպես ինձ շատ է անհանգստացնում այս բանը։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչը։ | ||
+ | |||
+ | ― Ձեր մեկնումը։ Շատ վատ գործ է, Ուոթսն։ Վատ ու վտանգավոր։ Եվ որքան շատ եմ մտածում այդ մասին, այնքան ավելի ու ավելի քիչ է դուր գալիս ինձ։ Ծիծաղեցե՛ք, բարեկամս, ծիծաղեցե՛ք, բայց ես շատ ուրախ կլինեմ, եթե դուք ողջ֊առողջ վերադառնաք Բեյքր֊ստրիտ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ VI Բասկերվիլ֊հոլլ== | ||
+ | |||
+ | |||
+ | Սըր Հենրի Բասկերվիլն ու դոկտոր Մորտիմերը իրենց բոլոր գործերն ավարտեցին նշանակված օրը, և մենք, ինչպես պայմանավորված էր, մեկնեցինք Դևոնշիր։ Ուղեկցելով ինձ կայարան՝ Շերլոկ Հոլմսը ամբողջ ճանապարհին ողջերթի ցուցմունքներ ու խորհուրդներ էր տալիս։ | ||
+ | |||
+ | Ես ձեզ չեմ ասի, թե ում եմ կասկածում և ինչպիսի ենթադրություններ ունեմ, Ուոթսն, որպեսզի ձեզ մոտ կանխակալ կարծիք չստեղծվի, ― ասաց նա։ Ինձ մանրակրկիտ շարադրված փաստեր են հարկավոր, որոնք ես ինքս կհամադրեմ։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչն է ձեզ հետաքրքրում, ― հարցրի ես։ | ||
+ | |||
+ | ― Այն ամենը, ինչ այս կամ այն կերպ առնչվում է այդ գործին, հատկապես երիտասարդ Բասկերվիլի և նրա հարևանների հարաբերությունները, իսկ եթե որևէ նոր բան իմանաք սըր Չարլզի մահվան մասին, ապա դա էլ նշեք։ Վերջին օրերի ընթացքում ես որոշ տեղեկություններ հավաքել եմ, բայց դժբախտաբար, արդյունքներով չեմ կարող պարծենալ։ Ինձ հաջողվեց պարզել միայն մի բան․ մերձավոր ժառանգորդը՝ միստր Ջեյմս Դեսմոնդը, իսկապես, հիանալի մարդ է՝ հույժ պատկառելի տարիքի, այնպես որ սրանք նրա դավերը չեն։ Կարծում եմ, որ մենք հետագայում կարող ենք վստահորեն չզբաղվել նրանով։ Ուրեմն, մնում են միայն այն մարդիկ, որոնք սըր Հենրիի անմիջական շրջապատն են ներկայացնում։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ավելի լավ չի՞ լինի միանգամից ազատվել Բերիմոռներ զույգից։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ մի դեպքում։ Ավելի կոպիտ սխալ դժվար է թույլ տալ։ Եթե նրանք ոչնչում մեղավոր չեն, դա դաժան անարդարություն կլինի, իսկ եթե մեղավոր են, ապա հետո նրանց չես գտնի։ Ո՛չ, ո՛չ։ Թող այդպես էլ կասկածի տակ մնան։ Հետո, եթե չեմ սխալվում, այնտեղ մի ձիապան կա, երկու ֆերմեր, մեր բարեկամ դոկտոր Մորտիմերը, ըստ երևույթին, անբասիր ազնվության տեր մի մարդ, և նրա կինը, որի մասին մեզ ոչինչ հայտնի չէ։ Չմոռանաք նաև բնախույզ Սթեփլտոնին քրոջ հետ, որը, ինչպես ասում են, հույժ հմայիչ երիտասարդ կին է։ Հետո գալիս են միստր Ֆրեկլենդը Լեֆթեր֊հոլլից՝ նույնպես անծանոթ անձնավորություն է, և երկու֊երեք ուրիշ հարևաններ։ Ահա այն մարդիկ, որոնք պետք է գտնվեն ձեր հսկողության տակ։ | ||
+ | |||
+ | ― Կջանամ չխայտառակվել։ | ||
+ | |||
+ | ― Զենք վերցրե՞լ եք։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, կարծում եմ, այն ավելորդ չի լինի։ | ||
+ | |||
+ | ― Անկասկած։ Ատրճանակը պահեք ձեզ մոտ գիշեր֊ցերեկ՝ և ոչ մի վայրկյան չթուլացնելով զգոնությունը։ | ||
+ | |||
+ | Մեր բարեկամներն արդեն հասցրել էին առաջին կարգի տոմսեր ձեռք բերել և կառամատույցում մեզ էին սպասում։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, ո՛չ մի նոր բան, ― ասաց դոկտոր Մորտիմերը, պատասխանելով բարեկամիս հարցին։ ― Կարող եմ միայն երդվել, որ վերջին երկու օրը մեզ չեն հետևել։ Մենք ամբողջ ժամանակ հիշում էինք այդ մասին, և մեր ուշադրությունից ոչ ոք չէր կարող վրիպել։ | ||
+ | |||
+ | ― Հուսով եմ, որ դուք այս օրերին անբաժան էիք։ | ||
+ | |||
+ | ― Այո, բացառությամբ երեկվանից։ Ինձ մոտ այդպես է ընդունված՝ քաղաք գալուն պես ամբողջ մի օր նվիրել հետաքրքրություններիս, և երեկ ես վիրաբուժական քոլեջի թանգարանում էի։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես գնացի այգի՝ աչք ածելու զբոսնողներին, ― ասաց Բասկերվիլը։ ― Ամեն ինչ բարեհաջող անցավ։ | ||
+ | |||
+ | ― Այնուամենայնիվ, դա ձեր կողմից անխոհեմ քայլ է, ― խոժոռվելով ասաց Հոլմսը և գլուխն օրորեց։ Սըր Հենրի, ես ձեզ խնդրում եմ դուրս չգալ առանց ուղեկցորդի, այլապես փորձանքի կգաք։ Ձեր մյուս կոշիկը գտա՞ք։ | ||
+ | |||
+ | ― Ոչ սըր, այն անհետ կորավ։ | ||
+ | |||
+ | ― Ահա թե ի՜նչ։ Հետաքրքի՜ր է։ Դե, հաջողություն, ― ավելացրեց նա, երբ գնացքը շարժվեց։ ― Սըր Հենրի, հիշեցեք տարօրինակ ավանդության հրահանգները, որ դոկտոր Մորտիմերը կարդաց մեզ, և զգուշացեք գիշերով դուրս գալ տորֆային ճահիճները, երբ չար ուժերն են տեր ու տնօրինություն անում։ | ||
+ | |||
+ | Ես դուրս նայեցի պատուհանից ու հեռվում նկատեցի Հոլմսի բարձր, նիհարավուն կերպարանքը։ Նա անշարժ կանգնած էր կառամատույցում և նայում էր հեռացող գնացքի ետևից։ | ||
+ | |||
+ | Մենք շատ արագ էին ընթանում, և ես ինձ շատ լավ էի զգում։ Զննում էի իմ ուղեկիցներին և զվարճանում դոկտոր Մորտիմերի սպանիելով։ Երկու֊երեք ժամից հետո երկաթգծի երկայնքով ձգվող հողը մուգ շագանակագույնից փոխվեց կարմրի, աղյուսն իր տեղը զիջեց գրանիտին, իսկ ցանկապատված փարթամ մարգագետինները, ուր շեկ կովերը պոկոտում էին հյութալի խոտը, վկայում էին այն մասին, որ կլիման այս տեղերում, օդի խոնավությամբ հանդերձ, զգալիորեն ավելի լավ է, քան արևելքում։ | ||
+ | |||
+ | Երիտասարդ Բասկերվիլը չէր հեռանում պատուհանից և ուրախ բացականչություններ էր արձակում հարազատ դևոնշիրյան բնանակարների տեսարանից։ | ||
+ | |||
+ | ― Ո՜ւր ասես, որ չեմ եղել այստեղից հեռանալուց հետո, դոկտոր Ուոթսն, ― ասաց նա։ ― Բայց և այնպես, այս վայրերը ոչ մեկի հետ չեմ համեմատի։ | ||
+ | |||
+ | ― Ցույց տվեք մեզ այնպիսի դևոնշիրցու, որ չի հիանում իր Դևոնշիրով։ | ||
+ | |||
+ | ― Այստեղ բանը միայն Դևոնշիրը չէ, այլև մարդիկ, որոնք բնակվում են այնտեղ, ― ասաց դոկտոր Մորտիմերը։ ― Միայն մի հայացքը մեր բարեկամի կլոր գանգին բավական է, որպեսզի հայտնաբերենք նրա կելտական ծագումը՝ իր խանդավառ ու բուռն զգացմունքներով հանդերձ։ Հանգուցյալ սըր Չարլզը գանգի միանգամայն հազվագյուտ կառուցվածք ուներ՝ կիսով չափ գալլական, կիսով չափ՝ իբերիական։ Սըր Հենրի, բայց ախր դուք, կարծեմ, մանկությունից չեք տեսել Բասկերվիլ֊հոլլը։ | ||
+ | |||
+ | ― Ես այն երբեք չեմ տեսել, որովհետև մենք ապրում էինք մի փոքրիկ քոթեջում, հարավային ծովափին։ Երբ հայրս մեռավ, ես տասներեքի մեջ էի և անմիջապես մեկնեցի Ամերիկայի մեր բարեկամների մոտ։ Այս տեղերը ինձ համար գրեթե նույնքան նոր են, որքան և դոկտոր Ուոթսնի, և ես պարզապես չեմ դիմանում, թե վերջապես ե՞րբ են երևալու տորֆային ճահիճները։ | ||
+ | |||
+ | ― Ահա թե ի՜նչ։ Այդ դեպքում ձեր ցանկությունը կատարված է, կարող եք հիանալ նրանցով, ասաց դոկտոր Մորտիմերը՝ ցույց տալով պատուհանից դուրս։ | ||
+ | |||
+ | Հեռվում, արոտավայրերի կանաչ քառակուսիներից այն կողմ, ասես երազի ֆանտաստիկ տեսիլ, երևաց ատամնավոր գագաթով տրտում, գորշ մի բլուր։ Բասկերվիլը նայում էր շարունակ, և այդ ծարավ հայացքը խոսում էր այն մասին, թե նրա համար որքան շատ բան է նշանակում առաջին ծանոթությունը այն մռայլ երկրամասի հետ, որտեղ իրեն արյունակից մարդիկ իշխում էին այդքան երկար ժամանակ և իրենցից հետո այդքան խոր հետքեր են թողել։ Սպորտային կոստյումով և ակնհայտ ամերիկյան արտասանությամբ այդ երիտասարդը նստել էր կողքիս անհրապույր երկաթուղային վագոնում և, այնուամենայնիվ, նայելով նրա թուխ, արտահայտիչ դեմքին, ես նրա մեջ տեսնում էի այն անսանձ ու տիրական մարդկանց ճշմարիտ շառավղին։ Թավ հոնքերը, նուրբ ռունգերն ու մեծ֊մեծ խաժ աչքերը վկայում էին նրա հպարտության, խիզախության և ուժի մասին։ Եթե անհրապույր տորֆային ճահիճները մեզ դեմ առ դեմ կանգնեցնեն դժվարին ու վտանգավոր խնդրի հետ, ապա հանուն այդպիսի մարդու կարելի է շատ բան անել, որովհետև նա համարձակորեն քեզ հետ կկիսի ամեն մի վտանգ։ | ||
+ | |||
+ | Գնացքը կանգ առավ փոքրիկ, խուլ մի կայարանում, և մենք դուրս եկանք վագոնից։ Ցածրիկ, սպիտակ ցանկապատի ետևում կանգնած էր երկու ամրակազմ ձիուկներ լծած կառքը։ Ըստ երևույթին մեր գալուստը այստեղ մեծ իրադարձություն էր, քանի որ թե՛ կայարանի պետը, թե՛ բեռնակիրները շրջապատեցին մեզ՝ առաջարկելով իրենց ծառայությունը։ Դա համակրելի գյուղական բնակավայր էր, բայց, ի զարմանս ինձ, կառամատույցի ելքի մոտ տեսա մուգ համազգեստով երկու զինվորի, որոնք կանգնած էին՝ հենված կարաբիններին և ակնապիշ նայում էին մեզ։ Կառապանը, անճոռնի մի տղա՝ սուր դեմքով, հանեց գլխարկը, ողջունելով սըր Հենրի Բասկերվիլին, և մի քանի րոպե հետո մենք արդեն սլանում էինք լայն սպիտակ ճանապարհով։ Նրա երկու կողմում տարածվում էին արոտավայրերի կանաչ լանջերը, սրածայր տանիքներով տնակները նայում էին խիտ սաղարթի միջից, բայց առջևում, այդ խաղաղ, արևով ողողված վայրերից այն կողմ, երեկոյան երկնքի հորիզոնում սևին տալով, նշմարվում էր չարագուշակ բլուրների սուր գագաթներով ընդհատվող տորֆային ճահիճների մռայլ գիծը։ | ||
+ | |||
+ | Կառքը թեքվեց կողքի ճանապարհը, և մենք սկսեցինք վեր բարձրանալ խոր անվահետքերով։ Դրանք բացվել էին հարյուրամյակներ առաջ՝ բարձր թմբերի միջև, որոնց վրա աճել էին մսեղ ձիաձետն ու խոնավ մամուռը։ Բրոնզի փայլ արձակող ձարխոոտերն ու մոշի տերևները պսպղում էին մայր մտնող արևի ճառագայթներից։ Շարունակելով վերելքը, մենք անցանք քարե նեղ կամրջակով։ Աղմկոտ գետակն արագ թռչում էր գորշ գլաքարերի միջով, փրփուր թքելով նրանց երեսին։ Ե՛վ ճանապարհը, և՛ գետակը ոլորվում էին խիտ կաղնիներով ու սոճիներով ծածկված դաշտավայրով։ | ||
+ | |||
+ | Ճամփի յուրաքանչյուր ոլորանում Բասկերվիլը հիացական բացականչություններ էր արձակում, հետաքրքրությամբ դիտելով շուրջը և անհամար հարցեր տեղալով մեր գլխին։ Նրա կարծիքով այստեղ ամեն ինչ հրաշալի էր, բայց ես չէի կարողանում ազատվել տխրությունից, որով համակել էին ինձ աշնան պարզորոշ հետքերը կրող արոտավայրերն ու բլրակները։ Դեղին տերևները թափվում էին ցած և, ճախրելով, գորգով ծածկում արահետները։ Մեր կառքի անիվների թխկթխկոցը կամաց֊կամաց մարեց, կորավ փտող խոտերի խիտ շերտում։ «Բնությունը թախծալի ընծաներ է նետում Բասկերվիլ֊հոլլի նոր տիրոջ ոտքերի տակ», ― մտածեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Նայե՜ք, ― հանկարծ բացականչեց դոկտոր Մորտիմերը։ ― Այդ ի՞նչ է։ | ||
+ | |||
+ | Մեր առջև բարձրանում էր հավամրգի թփերով ծածկված թեք մի բլրակ՝ ի նշան տորֆային ճահիճների մոտիկության։ Այդ բլրակի գագաթին, ասես պատվանդանին կանգնած ձիու արձան, պարզ գծագրվում էր հրացանը պատրաստ պահած մի հեծյալ։ Նա դիտում էր ճանապարհը, որով մենք գնում էինք։ | ||
+ | |||
+ | ― Փերկինս, սա ի՞նչ է նշանակում, ― հարցրեց Դոկտոր Մորտիմերը։ | ||
+ | |||
+ | Մեր կառապանը նստիքի վրա շրջվեց։ | ||
+ | |||
+ | ― Պրինսթաունի բանտից բանտարկյալ է փախել, սըր։ Ահա արդեն երրորդ օրն է, ինչ նրան փնտրում են։ Պահակներ են կարգել բոլոր ճանապարհներին, բոլոր կայարաններում, բայց առայժմ ապարդյուն։ Էստեղի ժողովուրդը շատ դժգոհ է դրանից, սըր։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ։ Չէ որ նրան, ով հետքը ցույց կտա, հինգ ֆունտ պարգև է սպասում։ | ||
+ | |||
+ | ― Էդ էդպես է, սըր, միայն թե հինգ ֆունտի վրա հույս դնելը զուր է, իսկ որ նա կոկորդդ կկտրի՝ էդ ավելի ստույգ է։ Էդպիսի մարդը ոչ մի բանի առաջ չի կանգնի, էդ հո մանր֊մունր գող չի։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ո՞վ է նա։ | ||
+ | |||
+ | ― Սելգենը, որը մարդ է սպանել Նոթինգհիլում։ | ||
+ | |||
+ | Ես լավ էի հիշում Սելգենի գործը, որովհետև ժամանակին Շերլոկ Հոլմսը զբաղվել էր դրանով՝ հետաքրքրվելով այն դաժանությամբ, որով կատարվել էր սպանությունը, և աննպատակ գազանության կնիքով, որ հատուկ էր այդ հրեշի բոլոր գործողություններին։ Ոճրագործությունն այնքան հրեշավոր էր, որ դատավորների մոտ կասկած առաջացավ Սելգենի առողջ բանականության մասին, ուստի մահապատիժը փոխարինեցին բանտով։ | ||
+ | |||
+ | Կառքը բարձրացավ բլրակի վրա, և մեր առջև փռվեցին տորֆային ճահիճների հսկայական տարածությունները՝ տեղ֊տեղ երևացող ժայռաբեկորների դոլմեններով<ref>Դոլմեններ ― քարե դարի դամբարաններ</ref> ու քարե սյուներով։ Այնտեղից փչող սառը քամին թափանցեց մինչև մեր ոսկորները։ Այնտեղ, այդ ճահիճների մռայլ հարթության վրա, մարդակերպ սատանան վայրի գազանի պես պառկել էր իր որջում, սրտում փայփայելով ատելությունը մարդկանց հանդեպ, որոնք իրեն վտարել էին իրենց հասարակությունից։ Միայն այդ էր պակասում, որպեսզի խորացվեր այն մռայլությունը, որ թաքնված էր մեր առջև փռված լերկ անապատում, սրընթաց քամու և մթնող երկնքի մեջ։ Նույնիսկ Բասկերվիլը լռեց ու ավելի կիպ փաթաթվեց վերարկուով։ | ||
+ | |||
+ | Արգավանդ վայրերը մնացին ետևում և մեզնից ցած։ Ետ նայեցինք՝ մայր մտնող արևի շողերը վազող առվակները վերածել էին ոսկե ժապավենների և վառվում էին հերկած հողի ակոսներում ու խիտ մացառուտներում։ Ճանապարհը, որ հսկայական գլաքարերով կտրում֊անցնում էր կարմրա֊ձիթագույն ոլորանները, դառնում էր ավելի ու ավելի լքված ու անհրապույր։ Ժամանակ առ ժամանակ մեր առջև հայտնվում էին քարե ցանկապատներով քոթեջներ, որոնց ժլատ ուրվագծերը նույնիսկ բաղեղը չէր մեղմացնում։ Իսկ հետո մեր աչքի առջև բացվեց խոր ափսեի նման հարթավայրը՝ դարեր շարունակ այնտեղ փոթորկվող քամուց արմատախիլ արված ու թեքված աղքատիկ կաղնիներով ու սոճիներով։ Ծառերից վեր բարձրանում էին երկու բարձր, նեղ աշտարակներ։ Մեր կառապանը մտրակով ցույց տվեց դրանք։ | ||
+ | |||
+ | ― Բասկերվիլ հոլլ, ― ասաց նա։ | ||
+ | |||
+ | Կալվածքի տերը հասակով մեկ կանգնեց կառքում, այտերը կարմրեցին, աչքերը բռնկվեցին կրակով։ Մի քանի րոպեից մենք մոտեցանք զարդանախշ չուգունե դարպասներին՝ երկու մամռապատ սյուներով, որոնք պսակվում էին վարազների գլուխներով՝ Բասկերվիլների գերբով։ Դռնապանի քարե տնակը խարխուլ էր, մերկացած փայտամածով, բայց նրա առջևում բարձրանում էր մի նոր, դեռևս անավարտ շինություն՝ սըր Չարլզի հարավաֆրիկյան ոսկու առաջին արգասիքը։ | ||
+ | |||
+ | Դարպասի ետևում երկշարք ձվում էին հին, բարձր ծառեր․ նրանց ճյուղերը մեր գլխավերևում միահյուսվել էին՝ կիսախավար կամար կապելով։ Անիվների թխկթխկոցը նորից սուզվեց տերևների խշրտոցի մեջ։ Բասկերվիլը ցնցվեց, դիտելով երկար, մութ ծառուղու բացվածքը, որի վերջում երևում էին տան խաբուսիկ ուրվագծերը։ | ||
+ | |||
+ | ― Դա այստե՞ղ է պատահել, ― կամացուք հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, ո՛չ, կարմրածառի ծառուղում։ Դա տան մյուս կողմում է։ | ||
+ | |||
+ | Երիտասարդ ժառանգը մի մռայլ հայացք գցեց իր շուրջը։ | ||
+ | |||
+ | ― Ինձ բնավ չի զարմացնում, որ, ապրելով այստեղ, հորեղբայրս շարունակ սպասել է ինչ֊որ աղետի, ― ասաց նա։ ― Այստեղ ով ասես կհամակվի վախով։ Սպասեցեք, կես տարի չանցած ես այստեղ էլեկտրականություն կանցկացնեմ, և դուք չեք ճանաչի այս վայրերը։ Մուտքի մոտ կվառվեն Էդիսոնի ու Սվանի<ref>Սվան ― էլեկտրական լամպի գյուտարարներից մեկը</ref> լապտերները՝ յուրաքանչյուրը հազար մոմանոց։ | ||
+ | |||
+ | Ծառուղու ետևում բացվեց լայն սիգամարգը։ Շրջանցելով այն, մենք մոտեցանք տանը։ Աղջամուղջի մեջ ես նկատեցի միայն զանգվածեղ ճակատամասը և տեռասը։ Ամեն ինչ պատած էր բաղեղով, որից ազատ էին միայն պատուհանների խոռոչներն ու ձվաձև զինանշանները։ Երկու հինավուրց ատամավոր հրակնատներով աշտարակները վեր էին խոյանում շինության այդ մասի վրա։ Աջից ու ձախից դրանց միանում էին հետագայում կառուցված սև գրանիտե երկու թեևերը։ Բազմաթիվ պատուհաններից աղոտ լույսը ծորում էր, ընկնում սիգամարգի վրա, բարձր ծխնելույզներով սրածայր թեք տանիքին կանգնած էր սև ծխի սյունը։ | ||
+ | |||
+ | ― Բարի գալուստ, սըր Հենրի։ Բարի եք եկել Բասկերվիլ֊հոլլ։ | ||
+ | |||
+ | Բարձրահասակ մի մարդ դուրս եկավ տեռասի ստվերից ու բացեց կառքի դռնակը։ Հոլլի լուսավորված դռնի մեջ երևաց մի կնոջ ուրվանակար։ Նա նույնպես մոտեցավ մեզ ու օգնեց տղամարդուն ճամպրուկները իջեցնելու։ | ||
+ | |||
+ | ― Սըր Հենրի, դուք չե՞ք առարկի, եթե ես ուղղակի տուն գնամ, ― ասաց դոկտոր Մորտիմերը։ ― Կինս ինձ է սպասում։ | ||
+ | |||
+ | ― Մնացեք մեզ հետ ճաշելու։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, իսկապես չեմ կարող։ Հավանաբար, շատ էլ գործեր կուտակված կլինեն։ Ես ինքս հաճույքով տունը ցույց կտայի ձեզ, բայց այդ բանը Բերիմոռը ինձանից լավ կանի․ նա հիանալի ուղեցույց է։ Ողջ եղեք։ Եվ հիշեցեք․ երբ էլ պետք լինեմ, գիշեր, թե ցերեկ, չքաշվեք մարդ ուղարկել իմ ետևից։ | ||
+ | |||
+ | Անիվների ձայնը կամաց֊կամաց լռեց ծառուղու խորքում, ծանր դուռը փակվեց մեր ետևից։ | ||
+ | |||
+ | Հոլլը, որտեղ մենք հայտնվեցինք, շատ գեղեցիկ էր՝ ընդարձակ, բարձր, ժամանակի ընթացքում սևացած կաղնե հաստ գերաններով։ Չուգունե ցանցավոր հինավուրց բուխարիկում ճարճատում ու թշշում էին փայտերը։ Երկար ճամփին արդեն մրսած, ես և սըր Բասկերվիլը ձեռքներս պարզեցինք կրակին։ Հետո սկսեցինք զննել հոլլի կաղնե երեսպատումը, բարձր, նեղ լուսամուտը՝ գունավոր ապակիներով, եղջերուների գլուխներն ու պատերի զինանշանները, որոնք աղոտ նշմարվում էին ջահի ոչ պայծառ լույսի տակ։ | ||
+ | |||
+ | ― Ես հենց այսպես էլ պատկերացնում էի այս ամենը, ― ասաց սըր Հենրին։ ― Իսկական տոհմական բույն, ճիշտ չէ՞։ Պատկերացրեք միայն, չէ՞ որ իմ նախնիները ապրել են այս տանը հինգ դարերի ընթացքում։ Հենց որ հիշում ես այդ մասին, ակամայից հանդիսավոր տրամադրության մեջ ես ընկնում։ | ||
+ | |||
+ | Նրա թուխ դեմքը վառվում էր տղայական հիացմունքով։ Նա կանգնել էր ջահից ընկնող լույսի օղակում, իսկ երկար ստվերներն ընկել էին պատերին և սև վարագույրների պես թանձրացել նրա գլխին։ | ||
+ | |||
+ | Բերիմոռը ճամպրուկները տարավ սենյակները և, վերադառնալով, հարգալից խոնարհվեց մեր առջև, ինչպես վայել էր լավ վարժեցված ծառային։ Նա անթերի արտաքին ուներ՝ բարձրահասակ, ներկայանալի, լայնատարած սև մորուքով, որ ընդգծում էր գունատ, բարետես դեմքը։ | ||
+ | |||
+ | ― Կհրամայեք ճաշը մատուցե՞լ, սըր։ | ||
+ | |||
+ | ― Իսկ պատրա՞ստ է։ | ||
+ | |||
+ | ― Մի քանի րոպեից, սըր։ Տաք ջուրը ձեր սենյակներում է։ Ես և կինս երջանիկ կլինենք, սըր Հենրի, սկզբնական շրջանում մնալ այստեղ, բայց երևի նոր կարգերի օրոք ձեզ մեծ հաստիք կպահանջվի։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ նոր կարգեր։ | ||
+ | |||
+ | ― Ուզում եմ ասել, որ սըր Չարլզը մենավոր կյանք էր վարում, և մենք երկուսով լիովին կարողանում էինք սպասարկել նրան, իսկ դուք, սըր, հավանաբար, ավելի ազատ կապրեք, և հարկ կլինի ամեն ինչ կարգավորել նորովի։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, դուք և ձեր կինը ուզում եք վերջնահաշի՞վ ստանալ։ | ||
+ | |||
+ | ― Եթե միայն դա ձեզ որևէ անհանգստություն չի պատճառի։ | ||
+ | |||
+ | ― Բայց չէ՞որ ձեր նախնիները մի քանի սերունդների ընթացքում ապրել են Բասկերվիլ֊հոլլում։ Ես ամենևին չէի ցանկանա իմ առաջին իսկ քայլերից խզել ընտանեկան հինավուրց կապերը։ | ||
+ | |||
+ | Ես ծառայապետի գունատ դեմքին հուզմունքի հետքեր նկատեցի։ | ||
+ | |||
+ | ― Ինձ ու կնոջս համար դա նույնպես հեշտ չէ, սըր։ Բայց, ճիշտն ասած, մենք շատ կապված էինք սըր Չարլզին և մինչև հիմա ոչ մի կերպ չենք կարողանում ուշքի գալ նրա մահից հետո։ Մեզ համար ծանր է այստեղ մնալը։ Այլևս չենք կարող այնպես զգալ մեզ Բասկերցիլ֊հոլլում, ինչպես առաջ։ | ||
+ | |||
+ | ― Եվ ի՞նչ եք պատրաստվում անել։ | ||
+ | |||
+ | ― Ես հուսով եմ, սըր, որ մեզ կհաջողվի որևէ գործ ձեռնարկել։ Չէ որ սըր Չարլզը մեզ չի մոռացել իր առատաձեռնությամբ։ Իսկ այժմ թույլ տվեք ցույց տալ ձեր սենյակները։ | ||
+ | |||
+ | Հնամենի հոլլի վերևում ճաղերով շրջափակված վերնասրահն էր, դեպի որը տանում էր երկկողմանի սանդուղքը։ Այդտեղից ամբողջ շենքի երկարությամբ ձգվում էին երկու երկար միջանցքներ, որոնց վրա բացվում էին բոլոր ննջասենյակները։ Իմը Բասկերվիլի հետ նույն թևում է, համարյա դուռը դռան։ Այդ սենյակներն ավելի ժամանակակից էին, քան տան կենտրոնական մասը, իսկ լուսավոր պաստառներն ու բազում վառվող մոմերը անմիջապես մեղմեցին այն ծանր տպավորությունը, որ ստեղծվել էր Բասկերվիլ֊հոլլ գալուն պես։ | ||
+ | |||
+ | Սակայն ներքևի հարկում գտնվող ճաշասենյակն ապշեցրեց մեզ իր մռայլ տեսքով։ Դա երկարավուն մի սենյակ էր՝ տնտեսական սեղանի համար փայտամածով, մի աստիճանով բաժանված այն մասից, որտեղ պետք է նստեին ցածր կոչման անձինք։ Հեռավոր ծայրում մենեստրելների դասերն էին։ Մեր գլխավերևում սևին էին տալիս հսկայական գերանները, որոնց ետևում երևում էր ծխապատ առաստաղը։ Շատ հնարավոր է, որ բոցավառ ջահերը, հինավուրց քեֆերի գունեղ ու կատաղի զվարճությունները մեղմել էին այդ սենյակի մռայլությունը, բայց այժմ, երբ այդտեղ լուսամփոփավոր միակ լամպի տակ նստել էինք երկու ջենտլմեն՝ ամբողջովին սևեր հագած, նրանց ձայները հնչում էին խուլ, և տրամադրությունները մի փոքր ընկած էին։ Նախնիների երկար շարանը ամենատարբեր հագուստներով սկսաց Եղիսաբեթ թագուհու դարաշրջանի ազնվատոհմիկից և վերջացրաց ռեգենտության ժամանակների պճնամոլով, պատերից նայում էին մեզ՝ ճնշելով մեզ իրենց լռությամբ։ Սեղանի բոլոր խոսակցությունը կարծես չէր ստացվում, և ես թեթևություն զգացի, երբ, ճաշն ավարտելով, մենք անցանք բիլիարդանոց՝ ծխելու, որը լիովին ժամանակակից մի սենյակ էր։ | ||
+ | |||
+ | ― Ինչ ասեմ, իրադրությունը այնքան էլ ուրախալի չէ, ― ասաց սըր Հենրին։ ― Իհարկե, այս ամենին կարելի է համակերպվել, բայց ես ինձ հիմա այնքան էլ լավ չեմ զգում։ Զարմանալի չէ, որ հորեղբայրս նյարդայնացել է, մենակ ապրելով այսպիսի տանը։ Դե ինչ, եկեք առանձնանանք։ Գուցե առավոտյան մեզ այստեղ այնքան էլ թախծալի չթվա։ | ||
+ | |||
+ | Քնելուց առաջ ես բացեցի վարագույրն ու նայեցի պատուհանից դուրս։ Պատուհանը նայում էր շքամուտքի առջևի սիգամարգին, որից այն կողմ, քամուց օրորվելով, տնքում էին բարձր ծառերը։ Արագասահ ամպերի լուսածերպից երևաց լուսինը։ Նրա սառը փայլի մեջ, ծառերից այն կողմ նշմարվեց ժայռերի անհավասար պատն ու մռայլ ճահիճների երկար շղթան։ Ես ծածկեցի վարագույրը, համոզվելով, որ Բասկերվիլ֊հոլլից ստացած իմ վերջին տպավորությունը ոչնչով չի հակասում առաջինին։ | ||
+ | |||
+ | Բայց պարզվեց, որ դա վերջինը չէ։ Չնայած հոգնածությանս, այնուամենայնիվ չկարողացա քնել և, կողքից կողք շուռ գալով, իզուր ջանում էի քնել։ Ինչ֊որ տեղ հեռվում ժամացույցը զարկում էր յուրաքանչյուր տասնհինգ րոպեն մեկ, և այլևս ոչինչ չէր խախտում տանը թագավորող մեռյալ լռությունը։ Եվ հանկարծ խոր կեսգիշերին լսողությանս հասավ պարզորոշ մի ձայն, որի բնույթին կասկածել չէր կարելի։ Դա հեկեկանք էր, խլացած, ջղաձիգ հեծկլտոցները մի կնոջ, որի սիրտը վշտից կտոր֊կտոր էր լինում։ Ես մի փոքր բարձրացա մահճակալից և սկսեցի լարված լսել։ Լացը գալիս էր մոտիկից, տան ներսից։ Ես սպասեցի մի կես ժամ, ամբողջ էությամբ ուշադրություն դարձաց, բայց այլևս ոչինչ չլսեցի, բացի ժամացույցի զարկերից ու պատերին փաթաթված բաղեղի շրշյունից։ | ||
<references /> | <references /> |
00:56, 19 Ապրիլի 2014-ի տարբերակ
հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Բովանդակություն
Բասկերվիլների շունը
Գլուխ I
Միստր Շերլոկ Հոլմսը
Միստր Շերլոկ Հոլմսը նախաճաշում էր։ Սովորաբար նա բավական ուշ էր արթնանում, եթե չհաշվենք այն հաճախակի դեպքերը, երբ ամենևին չէր քնում։ Ես կանգնած էի բուխարիկի մոտ, գորգի վրա, և ձեռքերիս մեջ շուռումուռ էի տալիս այն ձեռնափայտը, որը մոռացել էր երեկվա մեր այցելուն։ Դա գլխիկավոր, գեղեցիկ մի ձեռնափայտ էր, մեկը նրանցից, որ անվանում են «ծանրակշիռ ապացույց»։ Գլխիկից քիչ ներքև հագցված էր արծաթե դյույմաչափ լայնության մի օղակ, որի վրա փորագրված էր․ «Ջեյմս Մորտիմերին, Ա․ Վ․ Թ․ Ը․ Չ․ Կ․ Ա․֊ի ընկերներից» և տարեթիվը՝ «1884»։ Առաջներում այդպիսի պատկառելի, ծանր, հուսալի ձեռնափայտերով քայլում էին հարգարժան տնային բժիշկները։
― Դե, Ուոթսն, ի՞նչ կասեք այդ ձեռնափայտի մասին։
Հոլմսը նստած էր թիկունքով դեպի ինձ, և ես կարծում էի, թե չի նկատում իմ շարժումները։
― Ի՞նչ գիտեք ես ինչով եմ զբաղված։ Կարելի է կարծել, որ աչքեր ունեք ձեր ծոծրակին։
― Ւնչ֊որ չունեմ՝ չունեմ․ դրա փոխարեն իմ առաջ դրված է մաքրած, փայլուն արծաթե սրճամանը, ― պատասխանեց նա։ ― Չէ, իսկապես, Ուոթսն, ի՞նչ կասեք այցելուի ձեռնափայտի մասին։ Մենք ձեռքից բաց թողեցինք նրան և չգիտենք ինչու էր եկել։ Եվ քանի որ բախտներս այդպես չբերեց, հարկ է հատուկ ուշադրություն դարձնել այս պատահական հուշանվերին։ Զննեք ձեռնափայտը և փորձեք վերականգնել տիրոջ պատկերը, իսկ ես կլսեմ ձեզ։
― Ըստ իս, ― սկսեցի ես, ջանալով ուժերիս ներածին չափ հետևել բարեկամիս մեթոդին, ― այդ դոկտոր Մորտիմերը միջին տարիքի հաջողակ բժիշկ է, ըստ որում՝ հարգված ամենքից, քանի որ ընկերները այդպիսի ուշադրության են արժանացրել նրան։
― Լա՜վ է, ― ասաց միստր Հոլմսը։ ― Հիանալի։
― Բացի դրանից, կարծում եմ, որ նա գյուղական բժիշկ է, հետևաբար ստիպված է երկար քայլել։
― Այդ ինչի՞ց է երևում։
― Նախկինում ոչ այնքան էլ վատ ձեռնափայտը այնքան է գուլացել, որ այն դժվար է պատկերացնել քաղաքային բժշկի ձեռքին։ Երկաթյա հաստ ծայրապանակը բոլորովին մաշվել է, ըստ երևույթին դոկտոր Մորտիմերը շատ մղոններ է կտրել֊անցել դրանով։
― Հույժ խելամիտ դատողություն է, ― ասաց Հոլմսը։
― Եվ հետո մակագրությունը՝ «Չ․ Կ․ Ա֊ի ընկերներից»։ Ես գտնում եմ՝ «Ա» տառը նշանակում է ակումբ, ամենից հավանականը՝ որսորդական, որի անդամներին նա բժշկական օգնություն է ցույց տվել, արժանանալով այս համեստ նվերին։
― Ուոթսն, դուք գերազանցեցիք ինքներդ ձեզ, ― ասաց Հոլմսը, ետ ընկնելով աթոռի թիկնակին ու ծխախոտ վառելով։ ― Չեմ կարող չնշել, որ ձեզ հատուկ սիրալիրությամբ նկարագրելով իմ համեստ ծառայությունները, դուք սովորաբար թերագնահատում եք ձեր կարողությունները։ Եթե լույսը անձամբ ձեզանից չի բխում, ապա, համենայն դեպս, դուք լույսի հաղորդիչն եք։ Քի՞չ են այն մարդիկ, որոնք տաղանդով չեն փայլում, բայց օժտված եմ ուրիշների մեջ այն բորբոքելու արտակարգ ընդունակությամբ։ Ես անչափ պարտական եմ ձեզ, բարեկամս։
Առաջին անգամ էի Հոլմսից այդպիսի խոստովանություն լսում, և, պիտի ասեմ, որ նրա խոսքերը հաճույք պատճառեցին ինձ։ Ես հիանում էի նրանով, ուստի նրա անտարբերությունը իր աշխատանքի մեթոդները հրապարակ հանելու իմ փորձերի նկատմամբ շատ անգամ էր վիրավորել իմ ինքնասիրությունը։ Բացի դրանից, ես հպարտ էի, որ ինձ հաջողվել էր ոչ միայն տիրապետել Հոլմսի մեթոդին, այլև կիռարել այն իրականում, դրանով իսկ արժանանալով բարեկամիս գովեստին։
Հոլմսը ձեռնափայտը վերցրեց ձեռքիցս և մի քանի րոպե տնտղեց անզեն աչքով։ Ապա, ակնհայտորեն հետաքրքրված ինչ֊որ բանով, ծխախոտը մի կողմ դրեց, մոտեցավ պատուհանին ու նորից սկսեց զննել ձեռնափայտը, բայց արդեն խոշորացույցով։
― Մեծ բան չէ, բայց և այնպես հետաքրքիր է, ― ասաց նա՝ վերադառնալով բազմոցի անկյունի իր սիրած տեղը։ ― Այստեղ որոշ տեղեկություններ կան, անշուշտ, և դրանք հիմք կծառայեն որոշ եզրակացությունների համար։
― Մի՞թե որևէ բան վրիպել է ինձանից, ― ոչ առանց ինքնագոհության հարցրի ես։ ― Հուսով եմ, որևէ լուրջ բան բաց չեմ թողել։
― Ավա՜ղ, սիրելիդ իմ Ուոթսն, ձեր եզրակացությունների մեծ մասը սխալ է։ Երբ ես ասացի, որ դուք ինձ համար լավ խթան եք հանդիսանում, անկեղծ ասած, դա պետք էր այսպես հասկանալ․ ձեր սխալները երբեմն օգնում են ինձ ճիշտ ճանապարհ գտնելու։ Բայց այժմ դուք այնքան էլ չէիք սխալվում։ Այդ մարդը, անկասկած, քաղաքում չի աշխատում և ստիպված է ոտքով երկար ճամփաներ կտրել։
― Ուրեմն, ես ճիշտ էի։
― Այս հարցում՝ այո։
― Բայց մի՞թե դա բոլորը չէ։
― Ո՛չ, ոչ, սիրելիդ իմ Ուոթսն, բոլորը չէ, ամենևին ոչ բոլորը։ Այսպես, օրինակ, ես կասեի, որ բժիշկն այդպիսի նվեր կարող է ստանալ ավելի շուտ որևէ ամբուլատորիաից, և ոչ թե որսորդական ակումբից, իսկ երբ ամբուլատորիայի առջևում գրված եմ «Չ․Կ․» տառերը, ապա «Չերինգ֊կրոսյան» անվանումը ծագում է ինքնաբերաբար։
― Ամեն ինչ հանգում է նման մեկնության։ Եվ եթե մենք իմ ենթադրությունը ընդունենք իբրև նախնական վարկած, ապա լրացուցիչ տվյալներ կունենանք մեր այցելուի անձնավորությանը որոշելու։
― Լավ, ենթադրենք «Չ․ Կ․ Ա․» տառերը նշանակում են «Չերինգ֊կրոսյան ամբուլատորիա»։ Դրանից հետագա ինչպիսի՞ հետևություններ կարելի է անել։
― Իսկ ձեր մտքով ոչինչ չի՞ անցնում։ Դուք հո ծանոթ եք իմ մեթոդին։ Փորձեք կիռարել այն։
― Հետևությունն ակնհայտ է․ գյուղ գնալուց առաջ այդ մարդն աշխատել է Լոնդոնում։
― Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք մի քիչ էլ առաջ գնանք։ Նայեք դրան ահա այս տեսանկյունից․ ինչո՞ւ են նվեր տվել նրան։ Ե՞րբ են ընկերները հարմար գտել ի նշան բարեհաճության այս ձեռնափայտը նվիրել նրան։ Անկասկած այն ժամանակ, երբ դոկտոր Մորտիմերը հեռացել է ամբուլատորիայից, որոշելով զբաղվել մասնավոր պրակտիկայով։ Նրան նվեր են մատուցել՝ սա մեզ հայտնի է։ Ենթադրվում է, որ ամբուլատորիայի աշխատանքը նա փոխել է գյուղական պտակտիկայի հետ։ Արդյոք մեր հետևությունները անչափ հանդուգն չե՞ն լինի, եթե ասենք, որ նվերն արվել է հենց այդ կապակցությամբ։
― Դա շատ հավանական է։
― Այժմ նշենք, որ նա չէր կարող ամբուլատորիայի խորհրդատուների հաստիքում լինել, քանզի դա թույլատրվում է միայն պատկառելի լոնդոնյան պրակտիկա ունեցող բժշկին, իսկ այդպիսի բժիշկը հազիվ թե հեռանար քաղաքից։ Այդ դեպքում ո՛վ է նա։ Եթե նա աշխատում էր այնտեղ առանց հաստիքային խորհրդատու լինելու, նշանակում է նրան հատկացված էր ամբուլատորիային կից ապրող խնամարկուի համեստ մի պաշտոն, այսինքն, փոքր ինչ ավելի բարձր, քան պրակտիկանտի պաշտոնը։ Եվ նա հեռացել է այնտեղից հինգ տարի առաջ՝ նայեցեք ձեռնափայտի վրայի տարեթվին։ Այսպիսով, սիրելիդ իմ Ուսթսն, ձեր հասակն առած, պատկառելի տնային բժիշկը անհետացավ, փոխարենը մեր առջև հայտնվեց երեսունին մոտ, հույժ համակրելի մի երիտասարդ, ոչ փառասեր, ցրված, քնքշորեն սիրող իր շանը, որը իմ մտավոր հաշիվներով թերյերից մեծ է, բայց մաստիֆից փոքր։
Ես անվստահորեն ծիծաղեցի, իսկ Շերլոկ Հոլմսը ետ ընկավ բազմոցի թիկնակին՝ դեպի առաստաղ բաց թողնելով օդում սահուն կերպով օրորվող ծխի փոքրիկ օղակներ։
― Ինչ վերաբերում է վերջին կետին, ապա այդտեղ ոչ մի կերպ չի կարելի ձեզ ստուգել, ― ասացի ես, ― բայց այդ մարդու տարիքի ու կարիերայի մասին որոշ տեղեկություններ հիմա կգտնենք։
Ես իմ փոքրիկ գրադարակից վերցրի բժշկական տեղեկատուն և գտա հարկավոր ազգանունը։ Այնտեղ կային մի քանի Մորտիմերներ, բայց ես իսկույն գտա մեր այցելուին ու բարձրաձայն կարդացի այն ամենը, ինչ վերաբերում էր նրան։
«Մորտիմեր Ջեյմս, 1882 թվականից անդամ վիրաբույժների թագավորական ընկերության։ Գրիմպեն, Դարթմուր, Դևոնշիրի կոմսություն։ 1882֊ից մինչև 1884 թվական Չերինգկրոսյան ամբուլատորիայի խնամարկու։ Համեմատական ախտաբանության գծով արժանացել է Ջեկսոնի մրցանակին՝ «Արդյո՞ք չպետք է հիվանդությունները համարել ատավիստական կարգի երևույթներ» աշխատության համար։ Շվեդական ախտաբանական ընկերության թղթակից անդամ։ Հեղինակ «Անկանոն ատավիզմի երևույթները» (Լանցետ,1882), «Արդյոք առաջադիմո՞ւմ ենք մենք» (Հոգեբանության լրաբեր»․շ, մարտ, 1883)։ Դրիմպեն, Թորսլի և Հայ֊Բեռոու ծխերի գյուղական բժիշկ»։
― Որսորդական ակումբի մասին ոչ մի խոսք, Ուոթսն, ― խորամանկ ժպիտով ասաց Հոլմսը, ― փոխարենը՝ իսկապես գյուղական բժիշկ, ինչպես որ նրբին կերպով նկատել էիք դուք։ Իմ հետևությունները ճիշտ են։ Իսկ ինչ վերաբերում է ածականներին, ապա, եթե չեմ սխալվում, ես գործածեցի հետևյալները՝ համակրելի, ոչ փառասեր ու ցրված։ Դե, ես արդեն փորձով գիտեմ միայն համակրելի մարդիկ են հրաժեշտի նվերներ ստանում, միայն ամենից անփառասերներն են լոնդոնյան աշխատանքը փոխում գյուղականի հետ և միայն ցրվածներն են ընդունակ այցեքարտի փոխարեն իրենց ձեռնափայտը թողնել ձեզ մոտ՝ մեկ ժամից ավելի սպասելով հյուրասրահում։
― Իսկ շո՞ւնը։
― Վարժեցված է տիրոջ ետևից փաթեթ տանելու։ Այս ձեռնափայտը թեթև չէ․ շունը վերցրել է այն մեջտեղից և ատամներով ամուր սեղմել, որոնց հետքերը պարզ երևում են։ Դատելով հետքերի միջև եղած տարածությունից, թեյրերի համար ծնոտները շատ լայն են, իսկ մաստիֆի համար՝ նեղ։ Հավանական է, որ․․․ Աստվա՜ծ իմ, դե իհարկե, խուճուճ սպանիել է։
Այդ ասելիս, Հոլմսը սկզբում գնում֊գալիս էր սենյակում, ապա կանգ առավ պատուհանի մոտ։ Նրա վերջին խոսքերում այնպիսի համոզմունք հնչեց, որ ես տարակուսանքով նայեցի նրան։
― Լսեցեք, բարեկամս, ինչո՞ւ եք այդպես համոզված։
― Այն պարզ պատճառով, որ շանը տեսնում եմ մեր դռան մոտ։ Ահա և նրա տիրոջ զանգը։ Ուոթսն, խնդրում եմ չհեռանաք։ Չէ որ դուք նրա հետ գործընկեր եք, ձեր ներկայությունը կօգնի ինձ։ Ահա ճակատագրական րոպեն, Ուոթսն։ Դուք լսում եք սանդուղքի վրա քայլերի ձայն, այդ քայլերը ներխուժում են ձեր կյանքի մեջ, սակայն ի՞նչ են բերում իրենց հետ՝ բարի՞ք, թե՞ չարիք, անհայտ է։ Գիտության այր դոկտոր Ջեյմս Մորտիմերը խիստ բարձրահասակ, նիհար մարդ էր։ Երկար քիթը կտուցի նման դուրս էր ցցվել իրար մոտ դրված գորշ աչքերի միջից, որոնք ոսկեշրջանակ ակնոցի տակից պայծառ շողում էին։ Հագնված էր, ինչպես վայել է իր մասնագիտության տեր մարդուն, բայց որոշ անփությությամբ՝ խիատ մաշված պիջակ, չմռթված տաբատ։ Չնայած երիտասարդ տարիքին, արդեն կորացած էր։ Պարանոցը տարօրինակ կերպով դուրս էր ձգում, բայրացակամորեն զննելով մեզ։ Սենյակ մտնելուն պես, մեր հյուրն անմիջապես հայացքը հառեց Հոլմսի մոտ գտնվող ձեռնափայտին, ապա ուրախ բացականչությամբ առաջ նետվեց։
― Ի՜նչ երջանկություն։ Իսկ ես ոչ մի կերպ չէի կարողանում հիշել, թե որտեղ եմ թողել՝ այստե՞ղ, թե շոգենավային ընկերությունում։ Կորցնել այդպիսի ի՜րը։ Դա պարզապես սարսափելի բան կլիներ։
― Նվե՞ր է, ― հարցրեց Հոլմսը։
― Այո, սըր։
― Չերինգկրոսյան ամբուլատորիաիյի՞ց։
― Այո՛, այնտեղի իմ ընկերներից, հարսանիքիս օրվա առթիվ։
― Ա՛յ, ա՛յ, ի՜նչ ցավալի է, ― գլուխն օրորելով ասաց Հոլմսը։
― Ի՞նչն է ցավալի։
― Միայն այն, որ դուք խախտեցիք մեր եզրահանգումների ընթացքը։ Ուրեմն, հարսանեկան նվեր։
― Այո՛, սըր։ Ես ամուսնացա և թողեցի ամբուլատորիան, դրա հետ էլ խորհրդատուի պաշտոն ստանալու բոլոր հույսերս։ Պետք էր սեփական տուն գնել։
― Դե, տեսնում եք, մենք այնքան էլ չենք սխալվել, ― ասաց Հոլմսը։ ― Իսկ հիմա, դոկտոր Ջեյմս Մորտիմեր․․․
― Ի՜նչ եք ասում, ես դոկտորական աստիճան չունեմ, սոսկ վիրաբույժների թագավորական ընկերության համեստ անդամ։
― Եվ, ըստ երևույթին, գիտական խառնվածքի տեր մարդ։
― Միստր Հոլմս, ես միայն որոշ առնչություն ունեմ գիտության հետ, այսպես ասած, գիտելիքների անծայրածիր օվկիանոսի ափին խեցիներ եմ հավաքում։ Եթե չեմ սխալվում, պատիվ ունեմ խոսելու միստր Շերլոկ Հոլմսի հետ և ոչ թե․․․
― Ո՛չ, դոկտոր Ուոթսնը ահա սա է՝ կանգնած ձեր առաջ։
― Շատ ուրախ եմ ծանոթանալ, սըր։ Ձեր անունը հաճախ է հիշվում ձեր բարեկամի անվան կողքին։ Միստր Հոլմս, դուք արտակարգ կերպով հետաքրքրում եք ինձ։ Երբեք չէի սպասի, որ դուք այդպիսի երկարավուն գանգ կունենաք և այսպես ուժեղ զարգացած վերհոնքյան աղեղներ։ Թույլ տվեք շոշափել ձեր գագաթոսկրի կարը։ Ձեր գանգի պատճենը, սըր, կարող էր ամեն մի մարդաբանական թանգարանի զարդը հանդիսանալ, մինչև օրիգինսլի ստացվելը։ Շողոքորթություն չհամարեք, բայց ես պարզապես նախանձում եմ այսպիսի գանգին։
Շերլոկ Հոլմսը մեր տարօրինակ հյուրին նստեցրեց բազկաթոռին։
― Ըստ երևույթին, մենք երկուսով էլ մեր գործի էնտուզիաստներ ենք, սըր, ― ասաց նա։ ― Դատելով ձեր ցուցամատից, դուք նախընտրում եք ինքներդ լցնել ծխախոտները։ Մի քաշվեք, ծխեք։
Դոկտոր Մորտիմերը հանեց գրպանից ծխախոտը և զարմանալի ճարպկությամբ լցրեց։ Նրա երկար, քիչ դողացող մատները շարժվում էին անհանգիստ ու փութով, ինչպես միջատի շոշափուկները։
Հոլմսը նստել էր լուռ, բայց այն արագ, թռուցիկ հայացքները, որ նա նետում էր մեր զբաղված զրուցակցի վրա, պարզ վկայում էին, որ այդ մարդը շատ է հետաքրքրում Հոլմսին։
― Ես կարծում եմ, սըր, ― վերջապես խոսեց նա, ― որ դուք մեր երեկվա ու այսօրվա այցելությամբ պատիվ եք արել ինձ ոչ միայն ի սեր իմ գանգի հետազոտության։
― Ո՛չ, սըր, իհարկե, ո՛չ։ Ճշմարիտ, ես երջանիկ եմ, որ ինձ այդպիսի հնարավորություն տրվեց, բայց միստր Հոլմս, ես ձեր մոտ եմ եկել ամենևին էլ ոչ այդ պատճառով։ Ես բնավ պրակտիկ խառնվածքի տեր մարդ չեմ, բայց ահա հանկարծ իմ առջև ծառացել է արտակարգ լուրջ ու արտակարգ տարօրինակ մի խնդիր։ Ձեզ համարելով մեծությամբ երկրորդ եվրոպական փորձագետը․․․
― Ահա թե ի՜նչ, սըր։ Թույլ տվեք հետաքրքրվել, իսկ ո՞վ պատիվ ունի առաջինը լինելու, ― բավական խիստ տոնով հարցրեց Հոլմսը։
― Պարոն Բերտիլյոնի[1] աշխատությունները բավական մեծ հարգանք են վայելում գիտական մտածողության տեր մարդկանց մոտ։
― Ուրեմն, ինչո՞ւ հենց նրան էլ չդիմեիք։
― Սըր, ես ասացի՝ «գիտական մտածողության տեր», բայց իբրև պրակտիկ դուք ձեզ հավասարը չունեք, այդ բոլորն են ընդունում։ Հուսով եմ, սըր, ես ինձ թույլ չտվեցի որևէ ավելորդ․․․
― Այնպես, փոքր֊ինչ միայն, ― պատասխանեց Հոլմսը։ ― Սակայն, դոկտոր Մորտիմեր, ես կարծում եմ, որ դուք միանգամայն ճիշտ կվարվեք, եթե առանց հետագա շեղումների անմիջապես պատմեք, թե այդ ինչ գործ է, որի լուծման համար պահանջվում է իմ օգնությունը։
Գլուխ II Բակերվիլների տոհմի անեծքը
― Գրպանումս մի ձեռագիր կա, ― ասաց դոկտոր Ջեյմս Մորտիմերը։
― Ես այդ նկատեցի ձեր ներս գալուն պես, ― ասաց Հոլմսը։
― Ձեռագիրը շատ հին է։
― Տասնութերորդ դարասկզբի, եթե միայն կեղծ չէ։
― Ի՞նչ գիտեք, սըր։
― Խոսելով ինձ հետ, դուք շարունակ ցույց էիք տալիս այդ ձեռագրի ծայրը՝ երկու դյույմ լայնությամբ։ Վատ է այն փորձագետը, որը չի կարող փաստատղթի տարեթիվը որոշել մեկ֊երկու տասնամյակի ճշտությամբ։ Դուք թերևս կարդացել եք այդ հարցին վերաբերող իմ ոչ մեծ աշխատությունը։ Ձեր ձեռագիրը ես թվագրում եմ հազար յոթ հայրյուր երեսուն թվականով։
― Ճիշտ տարեթիվը հազար յոթ հարյուր քառասուներկուսն է։ ― Դոկտոր Մորտիմերը պիջակի կողքի գրպանից հանեց ձեռագիրը։ ― Այս ընտանեկան մասունքը պահպանության է տրվել ինձ սըր Չարլզ Բասկերվիլի կողմից, որի անակնկալ ու ողբերգական մահը երեք ամիս առաջ այնպես ցնցեց ողջ Դևոնշիրը։ Ես ինձ համարում էի ոչ միայն սըր Չարլզի բժիշկը, այլև անձնական բարեկամը։ Դա մի տիրական, խելացի, հույժ պրակտիկ ու ամենևին ոչ ֆանտազյոր մարդ էր, ինչպիսին է ձեր խոնարհ ծառան։ Եվ, այնուամենայնիվ, նա այս փաստաթղթին վերաբերվում էր շատ լուրջ և նախապատրաստված այն վախճանին, որ ունեցավ։
Հոլմսը ձեռքը պարզեց, վերցրեց ձեռագիրը և ուղղեց ծնկների վրա։
― Ուոթսն, ուշադրություն դարձրեք «դ» տառի ձևին։ Սա այն առանձնահատկություններից մեկն է, որ օգնեց որոշելու փաստաթղթի տարեթիվը։
Ես նրա ուսի վրայով նայեցի կիսաջնջված տողերով դեղնած թերթերին։ Էջի վերևում գրված էր․ «Բասկերվիլ֊հոլլ», իսկ ներքևում խոշոր, մեծ֊մեծ թվերով․ «1742»։
― Ըստ երևույթին, սա ինչ֊որ գրառում է։
― Այո, մի ավանդության գրառում, որ ապրում է Բասկերվիլների տոհմում։
― Բայց, որքան ես հասկացա, դուք եկել եք ինձ հետ խորհրդակցելու ավելի պրակտիկ ու ավելի մեր ժամանակներին մոտիկ հարցով։
― Այո՛, հրատապ հարցով։ Այդ հարցն անհետաձգելի է, այն պետք է լուծել օրերի ընթացքում։ Ձեռագիրը շատ կարճ է և անմիջական կապ ունի գործի հետ։ Ձեր թույլտվությամբ ես կկարդամ այն։
Մեջքով հենվելով բազկաթոռի թիկնակին, Հոլմսը մատների ծայրերը միակցեց ու ճակատագրին լիովին հնազանդ տեսքով փակեց աչքերը։ Դոկտոր Մորտիմերը շրջվեց դեպի լույսը, և սկսեց բարձր, ճռճռան ձայնով կարդալ հին ժամանակների հետևյալ հետաքրքրական պատմությունը։
«Բասկերվիլների շան մասին շատ տեղեկություններ կան, սակայն, լինելով Հուգո Բասկերվիլի անմիջական հետնորդը և այդ շան մասին լսած լինելով հորիցս, իսկ նա՝ իմ պապից, ես որոշեցի գրել սույն պատմությունը, որի իսկությանը չի կարելի կասկածել։ Եվ ես կամենում եմ, զավակներս, որ դուք հաստատապես հավատաք, որ մեր մեղքերի համար մեզ պատժող բարձրագույն դատավորը կարող է և թողություն շնորհել իրեն հատուկ գթասրտությամբ, և որ չկա այնպիսի ծանր անեծք, որը հնարավոր չլիներ քավել աղոթքով ու ապաշխարությամբ։ Դե, ուրեմն, մոռացության տվեք անցյալի սարսափելի պտուղները, բայց զգուշացեք մեղանչել ապագայում, որպեսզի, ի կործանումն բոլորիս, նորից ազատություն չտաք մութ կրքերին, որոնք այդքան աղետներ բերին մեր ամբողջ տոհմին։
Իմացած լինեք, որ Մեծ խռովության ժամանակներում (այս պատմությունը, գրված լորդ Քլարենդոնի՝ գիտուն մի այրի կողմից, ես ամեն կերպ խորհուրդ կտայի կարդալ) Բասկերվիլ կալվածքի տերը Հուգոն էր՝ նույն տոհմից, և այդ Հուգոյին ամենայն իրավամբ կարելի է սանձարձակ, անօրեն ու անաստված մարդ համարել։ Հարևանները նրա բոլոր մեղքերը կներեին, քանզի մեր կողմերում երբեք սրբեր չեն եղել, բայց Հուգոյի բնավորությունը հակված էր անխոհեմ ու դաժան կատակների, որը և նրա անունը ասելիք դարձրեց ողջ Դևոնում։ Պատահեց այնպես, որ այդ Հուգոն սիրեց (եթե միայն նրա մութ կիրքը կարելի է այդ մաքուր անունով կոչել) մի ֆերմերի աղջկա, որի հողերը գտնվում էին Բասկերվիլների կալվածքի հարևանությամբ։ Բայց դեռահաս աղջիկը, որ հայտնի էր իր համեստությամբ ու առաքինությամբ, սոսկում էր հենց միայն նրա անունից և ամեն կերպ խուսափում էր նրան հանդիպելուց։ Եվ ահա մի անգամ, սուրբ Միքայելի տոնին, Հուգո Բասկերվիլը ընտրեց իր ընկերներից վեց հոգու՝ ամենասանձարձակներին ու կատաղիներին, գաղտագողի մոտեցավ ֆերմային և, իմանալով, որ օրիորդի հայրն ու եղբայրները բացակայում են տանից, փախցրեց նրան։ Վերադառնալով Բասկերվիլ֊հոլլ, նա գերուհուն թաքցրեց վերին սենյակներից մեկում, իսկ ինքը, ըստ իր սովորության, սկսեց կոնծաբանել ընկերների հետ։ Դժբախտ օրիորդը քիչ էր մնում խելագարվի, լսելով ներքևից եկող երգերը, գոռգոռոցներն ու սարսափելի հիշոցները, քանզի Հուգո Բասկերվիլին ճանաչողների վկայությամբ հարբած վիճակում նա այնքան անզուսպ էր, որ թվում էր, թե նմանօրինակ սրբապիղծ խոսքերը կարող են մոխրացնել շուրթերը դրանցով պղծող մարդուն։ Վախն օրիորդին հասցրեց այն բանին, որ նա համարձակվեց մի արարքի, որից նույնիսկ ամենաճարպիկ ու խիզախ տղամարդը կհրաժարվեր, այն է՝ ելավ քիվի վրա, իջավ ցած, կառչելով բաղեղներից, որոնք մինչև հիմա էլ պատում են ամրոցի հարավային պարիսպը, և ճահիճների միջով փախավ դեպի հայրական տուն, որը գտնվում էր Բասկերվիլների կալվածքից երեք մղոնի վրա։
Որոշ ժամանակ անց Հուգոն թողեց հյուրերին՝ իր գերուհուն ուտելիք ու խմելիք տանելու մտադրությամբ, գուցե և մտքում ավելի վատ բան կար, սակայն տեսավ, որ վանդակը դատարկ է, թռչնակը թռել գնացել է։ Եվ այն ժամանակ սատանան կուրացրեց նրան, քանզի, ներս ընկնելով խրախճանքի սրահը, նա թռավ սեղանի վրա, ցիրուցան արեց ափսեներն ու տափաշշերը և ի լուր ամենքի երդվեց մարմինն ու հոգին հանձնել չար ուժերին, միայն թե փախստականին ետ բերի։ Ու մինչ սեղանակիցները կանգնել էին ցնցված նրա եռացող կատաղությունից, նրանցից մեկը, ամենախիզախը կամ ամենահարբածը, գոռաց, որ անհրաժեշտ է շներին բաց թողնել հետքերով։ Լսելով այդ խոսքերը, Հուգոն դուրս վազեց ամրոցից, հրամայեց ախոռապանին թամբել իր սևաթույր զամբիկին ու արձակել շներին և, տալով նրանց հոտոտելու օրիորդի ցած գցած քողը, արշավեց բարձր հաչող շների ոհմակի հետևից լուսնի լույսով ողողված ճահճի միջով։
Սեղանակիցները որոշ ժամանակ կանգնած էին լուռ, մեկեն գլխի չընկնելով, թե այդ իրարանցումն ինչից սկսվեց։ Բայց ահա գինու գոլորշիներով մշուշված նրանց գիտակցությանը հասավ, թե ինչ սև գործ է կատարվելու տորֆաճահիճների մեջ։ Այնժամ բոլորը գոռգոռացին․ մեկը ձի էր պահանջում, մյուսը՝ ատրճանակ, երրորդը՝ ևս մի տափաշիշ գինի։ Հետո, փոքր֊ինչ խելքի գալով, բոլորը միասին, թվով տասներեք հոգի, հեծան ձիերն ու միացան Հուգո Բասկերվիլին։ Պայծառ լուսնկա էր, հետապնդողները միաշարք արշավում էին այն ճանապարհով, որով, ըստ իրենց, պիտի օրիորդը փախչեր, եթե մտադիր էր հասնել հայրական տուն։
Անցնելով մեկ կամ երկու մղոն, նրանք հանդիպեցին մի հովվի ու հարցրին, թե արդյոք հետապնդում չի՞ տեսել։ Իսկ նա ինչպես պատմում են, սկզբից վախից չկարողացավ մի խոսք ասել, բայց հետո այնուամենայնիվ խոստովանեց, որ տեսել է դժբախտ աղջկան, որի հետքերով սլանում էին շները։ «Բայց ես մի ուրիշ բան էլ տեսա, ― ավելացրեց նա։ ― Հուգո Բասկերվիլը սրարշավ անցավ իմ մոտով, նստած իր սևաթույր զամբիկին, իսկ նրան լուռ հետապնդում էր մի շուն, և աստված չանի, որ մեկ էլ այդպիսի զարհուրանք տեսնեմ իմ ետևում»։
Հարբած սքվայրները հայհոյեցին հովվին ու արշավեցին առաջ։ Բայց հանկարծ նրանց մարմնով սարսուռ անցավ, քանզի լսեցին սմբակների դոփյուն, որից հետո ամբողջովին փրփրակալած սևաթույր զամբիկը սուրաց նրանց մոտով առանց հեծյալի ու սանձերը ցած թողած։ Անառակ զվարճասերները սարսափահար թափվեցին իրար գլխի, բայց այնուամենայնիվ շարունակեցին ճամփան, չնայած ամեն մեկը, եթե մենակ լիներ, առանց ընկերների, ուրախությամբ ետ կդառնար։ Դանդաղ առաջ էին գնում և վերջապես նկատեցին շներին։ Հնուց ի վեր ազնվացեղությամբ ու կատաղությամբ հռչակված ողջ ոհմակը խղճալիորեն վնգստում էր, սեղմված խոր խանդակի եզրին, մի քանիսը գողեգող քաշվել էին մի կողմ, իսկ մյուսները, մազերը ցցած ու աչքերը փայլեցնելով, աշխատում էին ներս ընկնել առջևում բացվող նեղ ծերպից։
Ձիավորները կանգնեցին, ինչպես կարելի է ենթադրել՝ շատ ավելի զգաստացած, քան ճամփա ընկնելիս։ Մեծամասնությունը չէր համարձակվում մի քայլ անգամ առաջ գցել, բայց ամենահամարձակներից կամ ամենահարբածներից երեքը ձիերն ուղղեցին դեպի հեղեղատի խորքը։ Նրանց հայացքի առջև բացվեց մի բացատ անհիշելի ժամանակներից այդտեղ կանգնեցված քարե երկու մեծ սյուներով։ Հիմա էլ են այդպիսի սյուներ հանդիպում ճահիճներում։ Լուսինը պայծառ լուսավորում էր բացատը, որի կենտրոնում պառկած էր վախից ու ուժասպառությունից մեռած խեղճ աղջիկը։ Բայց երեք անհոգ խրախճանասերները նրա անկենդան մարմնի և կողքին ընկած Հուգո Բասկերվիլի տեսքից չէ, որ զգացին, թե ինչպես էին իրենց գլխի մազերը շարժվում։ Ո՛չ։ Հուգոյի գլխավերևում կանգնած էր գարշելի մի հրեշ՝ սև գույնի վիթխարի մի գազան, տեսքով շան նման, բայց շատ ավելի խոշոր ու բարձր այն բոլոր շներից, որ երբևէ մահկանացուն տեսել է։ Եվ այդ հրեշը նրանց աչքի առաջ քրքրում էր Հուգո Բասկերվիլի կոկորդը։ Արյունոտ մռութը դարձնելով նրանց, նա փայլեցրեց վառվող աչքերը։ Այնժամ նրանք վախից խենթացած ճչացին և, շարունակելով բղավել, ամբողջ թափով սլացան ճահիճների միջով։ Նրանցից մեկը, ասում են, մեռավ հենց նույն գիշերը, իսկ մյուս երկուսը մինչև իրենց օրերի վերջը չկարողացամ ապաքինվել այդ ծանր ցնցումից։
Այսպիսին է, զավակներս, ավանդությունը շան մասին, որ այդ ժամանակներից սկսած այնքան դժբախտություններ է բերել մեր տոհմի գլխին։ Եվ եթե ես որոշեցի գրի առնել այն, ապա միայն այն հույսով, որ իմացած բանը մեզ ավելի քիչ է սարսափեցնում, քան թերասույթներն ու հորինած բաները։
Կարիք կա՞ ժխտելու, որ մեր տոհմից շատերը մեռել են հանկարծակի, սարսափելի ու առեղծվածային մահով։ Դե, ուրեմն, թող նախախնամությունը չլքի մեզ իր անխոս ողորմածությամբ, քանզի նա չի պատուհասի երրորդ ու չորրորդ սերնդից հետո եկած անմեղներին, որոնց սպասում է վրեժխնդրությունը, ինչպես ասված է ավետարանում։ Եվ սույն ավանդությունը ես հանձնում եմ ձեզ, զավակներս, ու թախանձում՝ զգուշացե՛ք գիշեր ժամանակ ճահիճներ դուրս գալուց, երբ չար ուժերն են միայնակ տնօրինում։
(Գրված է Հուգո Բասկերվիլի ձեռքով իր որդիներ Ռոջերի ու Ջոնի համար։ Պատվիրում եմ նրանց այս ամենը գաղտնի պահել իրենց քրոջից՝ Էլիզաբեթից)»։
Կարդալով այս տարօրինակ պատմությունը, դոկտոր Մորտիմերը ակնոցը հրեց ճակատին ու աչքերը սևեռեց Շերլոկ Հոլմսի վրա։ Վերջինս հորանջեց ու ծխախոտի մնացորդը նետեց բուխարիկ։
― Հետո՞ ինչ, ― ասաց նա։
― Ձեր կարծիքով սա հետաքրքիր չէ՞։
― Հետաքրքիր է հեքիաթի սիրահարների համար։
Դոկտոր Մորտիմերը քառածալ մի լրագիր հանեց գրպանից։
― Լավ, միստր Հոլմս։ Հիմա մենք ձեզ կծանոթացնենք ավելի ժամանակակից նյութի հետ։ Ահա «Դևոնշիրի քրոնիկ» թերթի այս տարվա հունիսի տասնչորսի համարը։ Այստեղ, զետեղված է հավաստի փաստերի կարճ մի հաշվետվություն՝ կապված սըր Չարզ Բասկերվիլի մի քանի օր առաջ տեղի ունեցած մահավան հետ։
Բարեկամս փոքր֊ինչ առաջ թեքվեց, հայացքը մեկեն լրջացավ։ Ակնոցն ուղղելով, դոկտոր Մորտիմերն սկսեց․
«Լիբերալների կուսակցությունից մոտալուտ ընտրությունների հիմնական թեկնածու սըր Չարլզ Բասկերվիլի անակնկալ մահը շատ ծանր տպավորություն թողեց ողջ Միջին Դևոնշիրի վրա։ Չնայած սըր Չարլզը համեմատաբար վերջերս էր հաստատվել Բասկերվիլ֊հոլլում, սակայն հասցրեց իր սիրալիրությամբ շահել բոլոր նրանց սերն ու հարգանքը, ում վիճակվել էր գործ ունենալ նրա հետ։ Մեր օրերում, նորահարուստների տիրապետության օրոք, հաճելի է գիտենալ, որ լավագույն ժամանակներ տեսած տոհմի շառավիղը կարողացավ սեփական ձեռքերով կարողություն դիզել, օգտագործելով այն իր անվան երբեմնի վեհության վերականգնմանը։ Ինչպես հայտնի է, սըր Չարլզը Հարավային Աֆրիկայում հույժ շահավետ գործարքներ էր կնքել։ Հակառակ այն մարդկանց, ովքեր կանգ չեն առնում, մինչև ճակատագրի անիվը չի շրջվում իրենց դեմ, նա, իրեն հատուկ զգաստությամբ, իրացրեց իր եկամուտները և վերադարձավ Անգլիա պատկառելի կապիտալով։ Սըր Չարլզը ընդամենը երկու տարի առաջ բնակություն հաստատեց Բասկերվիլ֊հոլլում, սակայն կալվածքի վերականգնման ու տարբեր բարելավումների լուրերը, որ ընդհատվեցին նրա մահով, տարածվել էին ամենուրեք։ Անզավակ լինելով, նա շատ անգամ էր հայտնել իր մտադրությունը դեչևս կենդանության ժամանակ բարերարություն անել հայրենակիցներին, և այստեղի բնակիչներից շատերը անձամբ առիթ ունեն սգալու նրա անժամանակ մահը։ Մեր թերթի էջերում բազմիցս հիշատակվել են սըր Չարլզի շռայլ նվիրաբերումները բարեգործական պետքերի համար ինչպես տեղական, այնպես էլ ողջ կոմսության մասշտաբով։
Չի կարելի ասել, թե հետաքննությանը լիովին հաջողվեց պարզել սըր Չարլզ Բասկերվիլի մահվան հանգամանքները, չնայած, այնուամենայնիվ, վերջ տրվեց տեղական պարապ լուրերին։ Մենք ոչ մի հիմք չունենք կասկածելու, որ մահը հետևել է ոչ բնական պատճառներից։ Սըր Չարլզը ամուրի էր և, եթե կարելի է այդպես արտահայտվել, տարօրինակություններ ունեցող մարդ։ Չնայած իր կարողությանը, ապրում էր խիստ համեստ․ Բասկերվիլ֊հոլլի տնային ծառայողների ողջ հաստիքը բաղկացած էր Բերիմոռ ամուսնական զույգից։ Ամուսինը ծառայապետի պարտականություններ էր կատարում, կինը՝ տնտեսուհու։ Իրենց ցուցմունքներում, որոնք համընկնում են հանգուցյալի մոտիկ բաստրկամների ցուցմունքներին, Բերիմոռները նշել են, որ սըր Չարլզի առողջական վիճակը նկատելիորեն վատացել էր վերջին ժամանակներս։ Նրանց ասելով, նա տառապում էր սրտի հիվանդությամբ, որի մասին վկայում էին դեմքի գույնի կտրուկ փոփոխությունները, շնչարգելությունը և ընկճված տրամադրությունը։ Այդ ամենն իր ցուցմունքներում հաստատեց դոկտոր Ջեյմս Մորտիմերը՝ հանգուցյալի տնային բժիշկն ու մոտ բարեկամը։
Փաստական տեսակետից ամեն ինչ անչափ պարզ էր։ Սըր Չարլզ Բասկերվիլը սովորություն ուներ քնից առաջ զբոսնել Բասկերվիլ֊հոլլի նշանավոր կարմրածառի ծառուղում։ Բերիմոռ ամուսինները վկայում են, որ նա երբեք չէր դավաճանում այդ սովորությանը։ Հունիսի չորսին սըր Չարլզը հայտնեց, որ որոշել է հետևյալ օրը մեկնել Լոնդոն և հրամայեց Բերիմոռին պատրաստել իր իրերը, իսկ երեկոյան, ինչպես միշտ, դուրս եկավ զբոսանքի, որի ժամանակ միշտ սիգար էր ծխում։ Սըր Չարլզը այլևս տուն չվերադարձավ։ Կեսգիշերին, տեսնելով, որ հոլլի դուռը դեռ բաց է, Բերիմոռը անհանգստացավ, վառեց լամպը և գնաց տիրոջը փնտրելու։ Այս օրը եղանակը խոնավ էր, և սըր Չարլզի ոտնահետքերը պարզ երևում էին ծառուղում։ Այդ ծառուղու կենտրոնում մի դռնակ կա, որը տանում է դեպի տորֆային ճահիճները։ Դատելով որոշ տվյալներից, սըր Չարզը մի քանի րոպե կանգ էր առել նրա մոտ, ապա շարունակել ճանապարհը։ Ծառուղու ծայրում հայտնաբերվում է նրա դիակը։
Այստեղ մնում է չպարզված մի հանգամանք։ Բերիմոռի վկայությամբ, հենց որ սըր Չարլզը հեռացել է դռնակից, նրա ոտնահետքերի բնույթը փոխվել է․ ըստ երևույթին, հետո նա քայլել է ոտքի ծայրերի վրա։ Այդ ժամանակ ծառուղուց ոչ հեռու, ճահճի միջով անցնելիս է եղել Մերֆի անունով գնչու֊փերեզակը։ Նա լսել է ճիչեր, բայց չի կարողացել որոշել, թե դրանք որ կողմից են գալիս, որովհետև, իր խոստովանությամբ, թունդ հարբած է եղել։ Սըր Չարլզի մարմնի վրա բռնության ոչ մի հետք չի հայտնաբերված։ Ճիշտ է, բժշկական փորձագիտությունը նշում է հանգուցյալի դեմքի փոփոխությունը անճանաչելիության աստիճան․ սկզբում դոկտոր Մորտիմերը նույնիսկ չէր հավատում, որ նրա առջև պառկած էր իր բարեկամն ու պացիենտը։ Բայց նման երևույթը հաճախ է ուղեկցում խեղդվելուց ու սրտի գործունեության անկումից առաջացող մահը։ Այդ բանը հաստատվեց հերձման արդյունքով, որը տվեց սրտի հին, օրգանական արատի լրիվ պատկերը։ Հենվելով բժշկական փորձագիտության տվյալների վրա, հետաքննությունը հանգեց մահվան հանկարծահաս տեսակետին, որը զգալիորեն թեթևացնում է գործի վիճակը, քանզի ցանկալի է, որ սըր Չարլզի ժառանգորդը բնակություն հաստատի Բասկերվիլ֊հոլլում և շարունակի նախորդի օգտաշատ ձեռնարկումները, որոնք ընդհատվեցին այդպիսի ողբերգական վախճանով։ Եթե քննիչի պրոզաիկորեն ճշգրիտ եզրակացությունները վերջ չդնեին սըր Չարլզի մահվան հետ կապված ռոմանտիկ վարկածներին, որոնք բերնեբերան էին անցնում ողջ կոմսությունում, ապա Բասկերվիլ֊հոլլը դժվար թե տեր գտներ։ Ինչպես ասում են, սըր Չարլզի մոտիկ ազգականը միստր Հենրի Բասկերվիլն է (եթե ողջ է), հանգուցյալի միջնեկ եղբոր որդին։ Մեր վերջին տեղեկությունների համաձայն, այդ երիտասարդը գտնվում է Ամերիկայում։ Այժմ միջոցներ են ձեռք առնվում, որպեսզի գտնեն նրան ու հայտնեն ստացած մեծ ժառանգության մասին»։
Դոկտոր Մորտիմերը ծալեց թերթն ու դրեց գրպանը։
― Միստր Հոլմս, ահա այն ամենը, ինչ հաղորդվել է սըր Չարլզ Բասկերվիլի մահվան մասին։
― Դուք ինձ ծանոթացրիք մի գործի հետ, որը, անկասկած, զուրկ չէ որոշ հետաքրքրությունից, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Դրա համար ես անչափ երախտապարտ եմ ձեզ։ Ժամանակին ես առիթ ունեցել եմ թերթերում կարդալու այդ մասին, բայց այնքան էի զբաղված վատիկանյան զարդաքանդակ քարերի գործով և այնպես էի ջանում ծառայություն մատուցել պապին, որ մի շարք հետաքրքրական գործեր բաց թողի Անգլիայում։ Ուրեմն, ա՞յդ է այն ամենը, ինչ հաղորդվել է սըր Չարլզի մահվան մասին։
― Այո՛։
― Այժմ ծանոթացրեք ինձ այն փաստերին, որոնք մամուլ չեն թափանցել։ ― Նա թիկնեց բազկաթոռին ու մատների ծայրերն իրար միացրեց, խիստ ու անաչառ դատավորի տեսք ընդունելով։
― Այս մասին ես դեռ ոչ ոքի հետ առիթ չեմ ունեցել խոսելու, ― ակնհայտ հուզմունքով սկսեց դոկտոր Մորտիմերը։ Հետաքննության ժամանակ ես շատ բաների մասին լռեցի այն պարզ պատճառով, որ գիտության մարդու համար անհարմար է պաշտպանել սնոտիապաշտությունից ծնված լուրերը։ Եվ ես գտնում եմ, որ թերթն իրավացի է․ խորացնել Բասկերվիլ֊հոլլի առանց այդ էլ մռայլ համբավը, նշանակում է կալվածքն անտերության մատնել։ Առաջնորդվելով այդ նկատառումներով, ես գերադասեցի որոշ բաների մասին լռել, քանզի, միևնույն է, ավելորդ անկեղծությունը օգտուտ չէր բերի։ Բայց ձեզ հետ կարող եմ առանց քաշվելու խոսել։
Տորֆային ճահիճները բավական ամայի վայրեր են, ուստի, քիչ թե շատ մոտ հարևաններն աշխատում են հաճախ հանդիպել իրար։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես բավական ժամանակ էի անցկացնում սըր Չարլզ Բասկերվիլի ընկերակցությամբ։ Եթե չհաշվենք Լեֆտեր֊հոլլում ապրող միստր Ֆրեկլենդին ու բնախույզ միստր Սթեփլտոնին, մեր կողմերում շատ մղոնների վրա ոչ մի կրթված մարդու չես հանդիպի։ Սըր Չարլզը սիրում էր առանձնություն, բայց նրա հիվանդությունը մեզ մոտեցրեց, իսկ ընդհանուր հետաքրքրություններն ավելի ամրացրին այդ կապը։ Հարավային Աֆրիկայից նա գիտական հույժ արժեքավոր նյութեր էր բերել, և մենք միասին շատ հաճելի երեկոներ էինք անցկացնում, քննարկելով բուշմենների ու հոտենտոտների համեմատական անատոմիան։
Վերջին ժամանակներն ինձ համար գնալով ավելի ու ավելի պարզ էր դառնում, որ սըր Չարլզի նյարդերը ծայրահեղորեն լարված են։ Նա հավատում էր այն լեգենդին, որ ես կարդացի ձեզ և, զբոսնելով իր տիրույթներում, չէր համարձակվում գիշերով դուրս գալ ճահիճների կողմը։ Միստր Հոլմս, սա կարող է ձեզ անհեթեթություն թվալ, բայց սըր Չարլզը հաստատ համոզված էր, որ սարսափելի անեծք է կախված իր տոհմի գլխին։ Եվ իսկապես, այն օրինակները, որ նա բերում էր իր ընտանիքի անցյալից, մխիթարական չէին։ Նրան հանգիստ չէր տալիս ինչ֊որ ուրվականային էակի սևեռուն գաղափարը, և նա մի գլուխ հարցնում էր ինձ, թե արդյոք որևէ տարօրինակ բան չե՞մ տեսել հիվանդներին այցի գնալիս, շան հաչոց չե՞մ լսել։ Վերջին հարցը սըր Չարլզը հատկապես հաճախ էր տալիս, և այդ պահին նրա ձայնը հուզմունքից դողում էր։
Հիշում եմ, ինչպես հիմա, ողբերգական դեպքից մի երեք շաբաթ առաջ երեկոյան կողմը ես մոտեցա Բասկերվիլ֊հոլլին։ Սըր Չարլզը կանգնած էր տան դռան առաջ։ Ես իջա կառքից և, մոտենալով նրան, հանկարծ նկատեցի, որ նա իմ ուսի վրայով նայում է ինչ֊որ տեղ՝ աչքերի մեջ ծայրահեղ սարսափի արտահայտություն։ Ես կտրուկ շրջվեցի ու հասցրի ծառուղու ծայրին լոկ անցողակի տեսնել ինչ֊որ կենդանի՝ խոշոր, սև հորթի չափ։ Սըր Չարլզն այնպես էր հուզված ու ահաբեկված, որ ես ստիպված գնացի այնտեղ, ուր կենդանին երևացել էր և ստուգել, թե ո՞ւր կորավ նա։ Բայց այնտեղ ոչինչ չկար։
Այդ դեպքը շատ ծանր տպավորություն թողեց բարեկամիս վրա։ Ամբողջ երեկոն ես նրա հետ անցկացրի, և հենց այդ ժամանակ էլ, որոշելով բացատրել իր տագնապի պատճառը, նա խնդրեց պահպանել այս ձեռագիրը, որը հարմար համարեցի ամենից առաջ ծանոթացնել ձեզ։ Այս ոչ էական դեպքի մասին ես հիշատակեցի միայն այն պատճառով, քանզի դա որոշ նշանակություն ունեցավ հետագա ողբերգության մեջ։ Բայց այն ժամանակ այդ ամենն ինձ զուտ անմտություն թվաց, որը ոչ մի կերպ չէր արդարացնում բարեկամիս հուզմունքը։
Իմ խորհրդով սըր Չարլզը պատրաստվեց մեկնել Լոնդոն։ Նրա սիրտը կարգին վիճակում չէր, իսկ ոչ մի րոպե հանգիստ չտվող վախը ակնհայտորեն ազդում էր առողջության վրա, չնայած այդ վախի պատճառները, ըստ իս, պարզապես մտացածին էին։ Ես հուսով էի, որ քաղաքային կյանքի մի քանի ամիսները կթարմացնեն սըր Չարլզին, և նա կվերադառնա նոր մարդ դարձած։ Նույն կարծիքի էր նաև միստր Ստեփլտոնը, որը մշտապես մեծ հոգատարություն էր հանդես բերում մեր ընդհանուր բարեկամի նկատմամբ։ Եվ ահա հենց ամենավերջին պահին կատարվեց այդ սարսափելի դժբախտությունը։
Գիշերը գտնելով սըր Չարլզի դին, ծառայապետ Բերիմոռը ձիով անհապաղ ինձ մոտ ճամփեց ախոռապան Փերկինսին։ Այդ ուշ ժամին ես աշխատում էի, ուստի շատ շուտ, ամենաշատը մի ժամում, հասա Բասկերվիլ֊հոլլ։ Հետաքննության հիշատակած բոլոր փաստերը անձամբ ստուգեցի ու համադրեցի իրար հետ։ Սըր Չարլզի հետքերով անցա կարմրածառի ողջ ծառուղին, զննեցի դռնակի մոտ այն տեղը, ուր նա ըստ երևույթին, կանգ էր առել, ուշադրություն դարձրի նրա ոտնահետքերի փոխված բնույթին, համոզվեցի, որ, բացի դրանցից, փափուկ մանրախճի վրա երևում են միայն Բերիմոռի հետքերը և, վերջապես, մանրամասն զննեցի մարմինը, որին մինչև իմ գալը ոչ ոք ձեռք չէր տվել։ Սըր Չարլզը պառկած էր երեսնիվայր, ձեռքերը տարածած, մատները խրած հողի մեջ, ջղաձգումն այնպես էր աղավաղել դեմքը, որ նրա դիակը մեկեն չճանաչեցի։ Նրա վրա ֆիզիկական վնասվածքներ չկային։ Սակայն Բերիմոռը հետաքննությանը սխալ ցուցմունքներ էր տվել։ Նրա ասելով, մարմնի մոտ, գետնի վրա ոչ մի հետք չկար։ Նա պարզապես չէր նկատել դրանք, իսկ ես նկատեցի։ Սըր Չարլզից ոչ մեծ հեռավորության վրա երևում էին միանգամայն թարմ ու որոշակի․․․
― Հետքե՞ր։
― Հետքեր։
― Տղամարդո՞ւ, թե կնոջ։
Դոկտոր Մորտիմերը մի տեսակ տարօրինակ նայեց մեզ ու համարյա շշուկով պատասխանեց․
― Միստր Հոլմս, դրանք հսկայական շան թաթերի հետքեր էին։
Գլուխ III Խնդիրը
Խոստովանում եմ, այդ խոսքերը լսելիս մարմնովս սարսուռ անցավ։ Դատելով այն բանից, թե դոկտորի ձայնը ինչպես էր դողում, նա ինքն էլ էր խորապես հուզված իր պատմածով։ Հոլմսը ամբողջ մարմնով առաջ ընկավ, նրա աչքերում չոր, ծակող կայծեր բռնկեցին՝ արթնացող հետաքրքրության ստույգ նշան։
― Դուք ինքնե՞րդ տեսաք։
― Ճիշտ այնպես, ինչպես տեսնում եմ ձեզ։
― Եվ ոչինչ չասացի՞ք այդ մասին։
― Իսկ ինչո՞ւ։
― Մի՞թե այդ հետքերը բացի ձեզանից ուրիշ ոչ ոք չի տեսել։
― Դրանք գտնվում էին դիակից մի երեսուն քայլի վրա, ուստի, հավանաբար, ոչ ոք դրանց վրա ուշադրություն չի դարձրել։ Ինքս էլ, թերևս, ոչինչ չնկատեի, եթե չհիշեի լեգենդը։
― Ճահճուտում, երևի, գամփռներ շատ կան։
― Անշուշտ։ Բայց դա գամփռ չէր։
― Ասում եք, հետքերը շա՞տ էին մեծ։
― Հսկայական։
― Բայց չէի՞ն դիպել սըր Չարլզի մարմնին։
― Ոչ։
― Այդ ժամանակ ինչպիսի՞ եղանակ էր։
― Խոնավ, ցուրտ։
― Բայց անձրև չկա՞ր։
― Ոչ։
― Իսկ այդ ծառուղին իրենից ի՞նչ է ներկայացնում։
― Կողքերին խիտ աճած ծեր կարմրածառերի կանաչ բարձր ցանկապատ է, մեջտեղում՝ ութ ոտնաչափ լայնությամբ ծառուղի։
― Իսկ թփուտի ու ծառուղու միջև որևէ բան կա՞։
― Այո, երկու կողմից վեց ոտնաչափ լայնության ճիմի շերտ։
― Եթե ճիշտ հասկացա ձեզ, ծառուղում դռնա՞կ կա։
― Այո, և այդ դռնակը տանում է ճահճուտ։
― Իսկ ուրիշ ելքեր չկա՞ն։
― Ոչ։
― Հետևաբար, կարմրածառի ծառուղի կարելի է ընկնել կամ ուղիղ տանից, կամ ճահճուտ տանող դռնակի՞ց։
― Կա ևս մի ելք՝ հեռավոր ծայրում գտնվող տաղավարի միջով։
― Սըր Չարլզը հասե՞լ էր այնտեղ։
― Ոչ, նա ընկած էր այնտեղից հիսուն քայլի վրա։
― Դոկտոր Մորտիմեր, այժմ բարի եղեք պատասխանել մի շատ կարևոր հարցի․ ձեր նկատած հետքերը խոտի վրա չէին, այլ արահետի՞։
― Սովորաբար խոտերի վրա հետքերը չեն երևում։
― Դրանք հենց այն կողմի վրա էին, ինչ և դռնա՞կը։
― Այո, ամենածայրում, դռնակի մոտ։
― Անչափ հետաքրքիր է։ Եվս մի հարց՝ դռնակը ծածկա՞ծ էր։
― Ոչ միայն ծածկած, այլև կողպած կախովի կողպեքով։
― Դռնակը ի՞նչ բարձրության է։
― Մոտ չորս ոտնաչափ։
― Ուրեմն կարելի է մագլցե՞լ դրա վրայով։
― Այո։
― Ւսկ դռնակի մոտ որևէ բան չի՞ հայտնաբերված։
― Ոչ, առանձնապես ոչինչ։
― Աստվա՜ծ իմ, ոչ ոք այնտեղ չի՞ նայել։
― Ոչ, ես ինքս եմ նայել։
― Եվ ոչինչ չե՞ք գտել։
― Այնտեղ որևէ բան ջոկելը դժվար էր։ Ըստ երևույթին, սըր Չարլզը մի հինգ֊տասը րոպե կանգ էր առել դռնակի մոտ։
― Ինչու եք այդպես կարծում։
― Որովհետև նրա սիգարի մոխիրը երկու անգամ թափվել էր ցած։
― Հիանալի՜ է։ Ահա այդպիսի օգնականն է վայել մեզ։ Այդպես չէ՞, Ուոթսն։ Դե, իսկ հետքե՞րը։
― Մանրախիճը ծածկված էր նրա հետքերով։ Ուրիշ հետքեր չեմ նկատել։
Շերլոկ Հոլմսը ափն անհամբերությունից զարկեց ծնկին։
― Ա՛խ, եթե ես այնտեղ լինեի, ― բացականչեց նա։ ― Ւնչպես երևում է, սա անչափ հետաքրքիր գործ է։ Ինչպիսի՜ հարուստ հնարավորություններ գիտական լուրջ հետազոտության համար։ Մանրախիճը այնպիսի էջ է, որի վրա կարող ես այնքան շատ բան կարդալ։ Իսկ այժմ ամեն ինչ լվացվել է անձրևից, տրորվել հետաքրքրասեր ֆերմերների կոշիկների տակ։ Ա՛խ, դոկտոր Մորտիմեր, դոկտոր Մորտիմեր։ Ինչո՞ւ իսկույն չկանչեցիք ինձ։ Ինչպիսի՜ մեղք ձեր խղճի վրա։
― Միստր Հոլմս, ես չէի կարող դիմել ձեզ․ չէ՞ որ այդ դեպքում պետք է հրապարակեի այս բոլոր փաստերը, իսկ ես արդեն ասացի, թե ինչն էր ինձ ետ պահում այդ քայլից։ Բացի դրանից․․․ բացի դրանից․․․
― Ի՞նչ եք տատանվում։
― Կա այնպիսի մի բնագավառ, որտեղ անզոր է ամենախորաթափանց ու ամենափորձված խուզարկուն անգամ։
― Դուք ակնարկում եք, որ մենք գործ ունենք գերբնական ուժերի հե՞տ։
― Ես այդ չեմ ուզում ասել․․․
― «Չեմ ուզում ասել, բայց «մտածում եմ»։
― Միստր Հոլմս, այն պահից, ինչ այս դժբախտությունը պատահեց, ինձ մի շարք դեպքեր են պատմել, որոնք դժվար է կապակցել իրերի բնական ընթացքի հետ։
― Օրինա՞կ։
― Ես պարզեցի, որ տեղացիներից ոմանք սըր Չարլզի ողբերգական մահից դեռևս շատ առաջ ճահճուտներում տեսել էին ինչ֊որ տարօրինակ մի արարած, որը ճշտորեն համապատասխանում էր բասկերվիլյան դևի նկարագրությանը և նման չէր գիտությանը հայտնի ոչ մի կենդանու։ Բոլոր նրան տեսնողները միաբերան հաստատում էին, որ դա անասելի մեծության, լույս արձակող, սարսափազդու մի տեսիլք էր։ Ես հարցուփորձ արի այդ մարդկանց։ Դրանք երեք հոգի էին․ մեր հարևանը՝ հույժ զգաստ հայացքների տեր մի մարդ, այստեղի դարբինը և մի ֆերմեր։ Բոլորն էլ պատմում էին հրեշավոր ուրվականի մասին։ Համարյա բառ առ բառ նկարագրելով այն շանը, որի մասին խոսվում է լեգենդում։ Հավատացեք, միստր Հոլմս, մեր ողջ շրջանում սարսափ է տիրում, ոչ ոք չի համարձակվում գիշերով ճահճուտ դուրս գալ, բացի ամենահանդուգն կտրիչներից։
― Եվ դուք, գիտության մարդ, հավատում եք, որ դա գեբնական երևո՞ւյթ է։
― Ինքս էլ չգիտեմ, ինչին հավատալ։
Հոլմսը թոթվեց ուսերը։
― Մինչև այժմ իմ խուզարկուական գործունեությունը ընթանում էր այս աշխարհի սահմաններում, ― ասաց նա։ ― Չարի դեմ ես պայքարում եմ իմ համեստ ուժերի ու հնարավորությունների ներածին չափով։ Սակայն ճակատել հենց իր՝ չարի նախահոր դեմ, թերևս, անձնապաստանություն կլիներ իմ կողմից։ Բայց դուք չեք ժխտի, որ մանրախճի վրայի ոտնահետքերը միանգամայն իրական են։
― Չի կարելի ժխտել շան իրական լինելը, որի մասին ավանդության մեջ ասվում է, որ կարողացել է մարդուն պատառոտել։ Եվ, այնուամենայնիվ, նրանում ինչ֊որ դիվային բան կա։
― Դոկտոր Մորտիմեր, տեսնում եմ, որ դուք վերջնականապես անցաք միստիկների կողմը։ Այդ դեպքում ասացեք ահա թե ինչ․ եթե դուք այդ համոզմանն եք, էլ ինչո՞ւ եք դիմում ինձ։ Դուք ասում եք, որ սըր Չարլզի մահվան հանգամանքները հետաքննելն անօգուտ է և միաժամանակ խնդրում եք զբաղվել դրանով։
― Ես ձեզանից այդպիսի բան չեմ խնդրել։
― Այդ դեպքում ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել։
― Խորհրդով։ Ասացեք, ինչպե՞ս պետք է վարվեմ սըր Հենրի Բասկերվիլի հետ, որը ժամանելու է Վաթերլոոյի կայարան, ― դոկտոր Մորտիմերը նայեց ժամացույցին, ― ուղիղ մեկ ժամ տասնհինգ րոպեից։
― Ժառանգորդը հենց դա՞ է։
― Այո, սըր Չարլզի մահից հետո մենք տեղեկություններ հավաքեցինք նրա մասին և պարզեցինք, որ նա Կանադայում է ու վարում է իր ֆերմայի գործերը։ Դատելով կարծիքներից, դա մի հիանալի, արժանավոր երիտասարդ է։ Ես այժմ խոսում եմ ոչ թե որպես բժիշկ, այլ որպես վստահված անձ և սըր Չարլզի կտակակատար։
― Ժառանգության ուրիշ հավակնորդներ չկա՞ն։
― Ոչ։ Մյուս միակ ազգականը, որի մասին մեզ հաջողվեց ինչ֊որ բան իմանալ, Ռոջեր Բասկերվիլն է՝ դժբախտ սըր Չարլզի կրտսեր եղբայրը։ Եղբայրները երեքն էին։ Միչնեկը, որ մահացել է ջահել հասակում, այս Հենրիի հայրն է։ Կրտսերը՝ Ռոջերը, ընտանիքում համարվում էր քոսոտ ոչխար։ Նա ժառանգել էր բասկերվիլյան դեսպոտիզմը և ջրի երկու կաթիլի պես նման էր Հուգո Բասկերվիլի ընըտանեկան նկարին։ Անգլիայում Ռոջերը յոլա չգնաց և հարկադրված էր թաքնվել Կենտրոնական Ամերիկայում, որտեղ և մեռավ 1876 թվականին, դեղնախտից։ Հարրին Բասկերվիլների վերջին շառավիղն է։ Մեկ ժամ հինգ րոպեից հետո ես պետք է նրան դիմավորեմ Վաթերլոոյի կայարանում։ Նա հեռագրով տեղեկացրել է ինձ, որ այսօր առավոտյան ժամանելու է Սաութհեմպտոն։ Այսպես, ուրեմն, միստր Հոլմս, խորհուրդ տվեք, թե ինչպե՞ս վարվեմ։
― Իսկ ինչո՞ւ նա անմիջապես չմեկնի իր տոհմական կալվածքը։
― Այո, այդպիսի որոշումը միանգամայն բնական է։ Բայց հիշեցեք, բոլոր Բասկերվիլները, որոնք ապրել են այնտեղ, ողբերգական վախճան են ունեցել։ Համոզված եմ, որ եթե սըր Չարլզը հնարավորություն ունենար մահից առաջ խոսելու ինձ հետ, թույլ չէր տա իր տոհմի վերջին շառավիղին բերել այդ սարսափելի վայրը։ Միաժամանակ չի կարելի ժխտել, որ մեր ողջ դժգույն, աղքատիկ շրջանի բարեկեցությունը կախված է այն բանից, թե արդյոք սըր Հենրին կհամաձայնի՞ ապրել իր կալվածքում, թե ոչ։ Եթե Բասկերվիլ֊հոլլը ամայանա, սըր Չարլզի բոլոր ձեռնարկումները հօդս կցնդեն։ Ես վախենում եմ տեղական գործերում իմ անձնական շահագրգռվածությունը գլուխ բարձրացնի իմ մեջ, ուստի դիմում եմ ձեր խորհրդին։
Հոլմսը մտքերի մեջ ընկավ։
― Երկու խոսքով ասած՝ իրադրությունն այսպիսին է, ― վերջապես խոսեց նա։ ― Դուք գտնում եք, որ մի չար ուժ Դարթմուրը վտանգավոր վայր է դարձնում Բասկերվիլների համար։ Ես ձեզ ճի՞շտ եմ հասկացել։
― Համենայն դեպս, որոշ պատճառներ կան այդպիսի երկյուղի համար։
― Այդպես։ Բայց եթե գերբնական ուժերի ձեր տեսությունը ճիշտ է, ուրեմն դրանք կարող են երիտասարդին կործանել ոչ միայն Դևոնշիրում, այլև Լոնդոնում։ Դժվար է սատանային պատկերացնել այդքան նեղ տեղային իշխանությամբ։ Չէ որ նա որևէ ծխական վարչության անդամ չէ։
― Միստր Հոլմս, եթե դուք անձամբ դեմ առնեիք այս ամենին, այդպես չէիք կատակի։ Ուրեմն, ձեր կարծիքով, երիտասարդի համար տարբերություն չկա՝ Լոնդոնո՞ւմ ապրել, թե Դևոնշիրում։ Հիսուն րոպեից հետո նա այստեղ կլինի։ Խորհուրդ տվեք՝ ի՞նչ անել։
― Խորհուրդ եմ տալիս, սըր, կառք կանչել, վերցնել հետներդ ձեր սպանիելին, որը չանգռոտում է շքամուտքի դուռը, և գնալ կայարան՝ սըր Հենրի Բասկերվիլին դիմավորելու։
― Իսկ հետո՞։
― Հետո կսպասեք, մինչև ես կմշակեմ հետագա գործողությունների ծրագիրը, իսկ մինչ այդ ոչինչ չասեք նրան։
― Դրա համար որքա՞ն ժամանակ է հարկավոր ձեզ։
― Մեկ օր։ Դոկտոր Մորտիմեր, դուք ինձ հույժ պարտավորեցրած կլինեք, եթե վաղն առավոտյան ժամը տասին այստեղ գաք, հետներդ բերելով սըր Հենրի Բասկերվիլին։ Ես պետք է ծանոթանամ նրա հետ։
― Լավ, միստր Հոլմս։
Նա տեսակցության ամսաթիվն ու ժամը գրեց բազկապանին և էլի նույն ցրվածությամբ նայելով շուրջը, արագ դուրս գնաց սենյակից։
Հոլմսը հարթակից ձայն տվեց նրան․
― Եվս մի հարց, դոկտոր Մորտիմեր․ ասում եք ուրվականը առաջներում է՞լ է երևացել ճահճուտում։
― Այո, այդ մասին պատմել են երեք հոգի։
― Իսկ սըր Չարլզի մահից հետո այդպիսի բան եղե՞լ է։
― Չգիտեմ։ Չեմ լսել։
― Շնորհակալ եմ։ Հաջողություն։
Հոլմսը նստեց իր տեղը բազմոցի անկյունում ու ժպտաց այն հանգիստ, գահունակ ժպիտով, որը միշտ հայտնվում էր նրա դեմքին, երբ առջևում իրեն արժանի խնդիր էր ծառանում։
― Ուոթսն, գնո՞ւմ եք։
― Այո, եթե ոչ մի բանով չեմ կարող օգտակար լինել։
― Ոչ, բարեկամս, ես դիմում եմ ձեր օգնությանը, երբ հարկ է լինում գործի անցնել։ Բայց ի՜նչ հոյակապ գործ է։ Շատ կողմերով ուղղակի արտակարգ։ Երբ անցնելու լինեք Բրեդլիի մոտով, խնդրեցեք նրան մեկ ֆունտ ամենաթունդ ծխախոտ ուղարկի ինձ։ Նախապես շնորհակալ եմ։ Աշխատեցեք մինչև երեկո չվերադառնալ։ Այն ժամանակ մենք ձեզ հետ հաճույքով կարծիքներ կփոխանակենք այն արտակարգ հետաքրքիր խնդրի շուրջ, որը այս առավոտ տվին մեզ։
Առանձնությունն ու հանգիստը անհրաժեշտ էին բարեկամիս լարված մտավոր աշխատանքի ժամերին, երբ նա ծանրութեթև էր անում գործի բոլոր չնչին մանրամասները, իրար ետևից տարբեր վարկածներ առաջադրում, համեմատում դրանք ու որոշում, թե ո՛ր հաղորդումներն են էական և որոնք կարելի է մի կողմ դնել։ Այդ պատճառով ես ամբողջ օրն անցկացրի ակումբում և Բեյքր֊ստրիտ վերադարձա երեկոյան, ժամը իննի մոտերքը։
Ես բացեցի հյուրասենյակի դուռը ու վախեցա՝ արդյոք հրդեհ չէ՞ մեզ մոտ․ սենյակում այնպիսի ծուխ էր կանգնած, որ լամպի լույսը հազիվ էր նշմարվում։ Բայց իմ երկյուղն ավելորդ էր․ քթիս զարկեց ամենաթունդ, էժանագին ծխախոտի կծու հոտը, որից կոկորդս քերվեց։ Ծխի վարագույրի միջից հազիվ նկատեցի բազկաթոռում հարմար տեղավորված Հոլմսին։ Նա խալաթով էր․ ատամների մեջ պահում էր կավե մուգ ծխամորճը։ Շուրջը փռված էին թղթի ինչ֊որ փաթեթներ։
― Մրսե՞լ եք, Ուոթսն, ― հարցրեց նա։
― Ոչ, պարզապես շունչս կտրվեց այս թունավոր խունկերից։
― Այո, դուք, կարծես, իրավացի եք․ այստեղ մի քիչ ծխած է։
― Ի՜նչ մի քիչ։ Օդ չկա շնչելու։
― Այդ դեպքում բացեք պատուհանը։ Տեսնում եմ՝ ամբողջ օրը նստած եք եղել ակումբում։
― Հոլմս, թանկագի՜նս․․․
― Ճի՞շտ է։
― Իհարկե, ճիշտ է, բայց դուք ինչպե՞ս․․․
Նա ծիծաղեց․ նայելով իմ շփոթված կերպարանքին։
― Ձեր միամտությունը պարզապես սքանչելի է, Ուսթսն։ Եթե իմանայիք՝ որքա՜ն հաճելի է իմ համեստ ուժերը ձեզ վրա փորձել․․․ Ջենտլմենը տանից դուրս է գալիս անձրևոտ, զզվելի եղանակին։ Երեկոյան վերադառնում է մաքուր, առանց որևէ բծի։ Առաջվա պես ցիլինդրն ու կոշիկները պսպղում են։ Հետևաբար, ամբողջ օրը նստած է եղել որևէ տեղում։ Նա մոտ բարեկամներ չունի։ Ուրեմն, որտե՞ղ է եղել։ Մի՞թե պարզ չէ։
― Այո, միանգամայն պարզ է։
― Աշխարհը լի է նման պարզություններով, բայց ոչ ոք դրանք չի նկատում։ Ինչ եք կարծում, ես որտե՞ղ եմ եղել։
― Նույնպես ամբողջ օրը նստած եք եղել։
― Ահա և սխալվեցիք։ Ես եղել եմ Դևոնշիրում։
― Մտովի՞։
― Միանգամայն ճիշտ է։ Մարմինս մնացել էր այստեղ, բազկաթոռում, և, որքան էլ ցավալի է, հասցրել է օրվա ընթացքում երկու մեծ սրճաման սուրճ խմել ու անհավատալի քանակությամբ ծխախոտ ծխել։ Հենց որ դուք գնացիք, ես մարդ ճամփեցի Ստենֆորդի մոտ դարթմուրյան ճահիճների քարտեզի ետևից, և իմ ոգին ամբողջ օրը թափառում էր նրանց մեջ։ Այժմ հուսով եմ, որ ինչպես հարկն է գիտեմ այդ վայրերը։
― Խոշո՞ր մասշտաբի քարտեզ է։
― Այո, շատ խոշոր։ ― Նա բացեց այդ քարտեզի մի բաժինը և դրեց ծնկներին։ ― Ահա հենց այն շրջանը, որ հետաքրքրում է մեզ։ Մեջտեղում Բասկերվիլ֊հոլլն է։
― Շրջապատված անտառո՞վ։
― Միանգամայն ճիշտ է։ Այստեղ կարմրածառի ծառուղին չի նշված, բայց կարծում եմ այն ձգվում է աջից, ճահիճներին զուգահեռ։ Ահա այս շինությունների փոքրիկ խումբը հենց այն Գրիմպեն գյուղակն է, որտեղ գտնվում է մեր բարեկամ դոկտոր Մորտիմերի շտաբ֊կայանը։ Ինչպես տեսնում եք, հինգ մղոն շրջագծով հազվադեպ են բնակավայրեր հանդիպում։ Ահա սա Լեֆտեր֊հոլլն է, որի մասին դոկտորը հիշատակեց։ Այստեղ, հավանաբար, բնախույզ Ստեփլտոնի տունն է, եթե նրա ազգանունը ճիշտ եմ հիշում։ Ահա սրանք երկու ֆերմաներն են՝ «Քարե սյուները» և «Հոտած ճահիճը»․ նրանցից տասնչորս մղոնի վրա պրինսթաունյան տաժանակրային բանտն է։ Իսկ այս զատ֊զատ կետերի միջև ու նրանց շուրջը փռված են կենսազուրկ, մռայլ ճահիճները։ Ահա այն թատերաբեմը, որտեղ խաղացվել է այդ ողբերգությունը, որը, թերևս, մեկ անգամ էլ խաղացվի մեր աչքերի առաջ։
― Այո, վայրի տեղեր են։
― Բեմը ավելի լավ չէր էլ կարող ձևավորվել։ Եթե սատանան իսկապես ցանկացել է խառնվել մարդկային գործերին․․․
― Ուրեմն դուք է՞լ եք հակված այդ ամենի մեջ գերբնական բան տեսնելու։
― Իսկ մի՞թե սատանայի գործակիցները չեն կարող մարմնավորվել։ Ամենից առաջ պետք է լուծել երկու հարց։ Առաջին՝ արդյոք այստեղ ոճրագործություն կատարվե՞լ է։ Երկրորդ՝ ո՞րն է այդ ոճրագործությունը և ի՞նչպես է կատարվել։ Իհարկե, եթե դոկտոր Մորտիմերը իրավացի է իր կասկածներում, և մենք գործ ունենք այնպիսի ուժերի հետ, որոնք չեն ենթարկվում բնության օրենքներին, ապա մնում է զենքերը վայր դնել։ Բայց դրանով հանգստանալուց առաջ պետք է մինչև վերջ փորձել մյուս վարկածները։ Եկեք պատուհանը փակենք, եթե չեք առարկում։ Որքան էլ դա տարօրինակ թվա, բայց, ըստ իս, ծխախոտի ծխի խտացումը նպաստում է մտքի կենտրոնացմանը։ Ես դեռ չեմ հասել այնտեղ, որ խորհրդածությունների ժամանակ փակվեմ արկղի մեջ, բայց իմ տեսության տրամաբանական եզրակացությունը հենց այդ է որ կա։ Դե ինչ, դուք հասցրե՞լ եք մտածել այս գործի մասին։
― Ամբողջ օրը մտքիցս չի հեռացել։
― Եվ ի՞նչ եզրակացության եք հանգել։
― Խճողված պատմություն է։
― Այո, հույժ ինքնատիպ պատմություն։ Հատկապես որոշ մանրամասնություններ։ Օրինակ, հետքերի փոխված բնույթը։ Դա ինչպե՞ս եք բացատրում։
― Մորտիմերն ասում էր, իբր սըր Չարլզը ծառուղու այդ հատվածն անցել է ոտքի մատների վրա։
― Նա կրկնեց միայն հետաքննության ժամանակ ասված ինչ֊որ ապուշի խոսքերը։ Մարդ ինչո՞ւ պետք է ծառուղով ոտքի մատների վրա քայլի։
― Հապա բանն ի՞նչ է։
― Նա վազե՜լ է, Ուոթսն։ Վազել է, որքան ոտքերում ուժ է ունեցել, որպեսզի փրկվի։ Այնպես է վազել, որ սիրտը չի դիմացել, և վազելու պահին էլ մեռած ցած է տապալվել։
― Որպեսզի փրկվի՞։ Բայց ումի՞ց։
― Ամբողջ խնդիրն էլ հենց այդ է։ Դատելով որոշ տվյալներից, Չարլզ Բասկերվիլը վախից գլուխը կորցրել է դեռևս փախուստից առաջ։
― Ինչո՞ւ եք այդպես կարծում։
― Այն, ինչը նրան այդպես վախեցրել է, շարժվել է նրա վրա ճահճուտից։ Եթե չեմ սխալվում, ― իսկ ըստ երևույթին հենց այնպես էլ եղել է, ինչպես ենթադրում եմ, ― ապա միայն խելագարը կարող է վազել ոչ թե դեպի տուն, այլ հակառակ կողմը։ Հետաքննության ժամանակ գնչուն ցուցմունք է տվել, որ սըր Չարլզը օգնություն էր կանչում, սակայն վազում էր այն ուղղությամբ, որտեղից ամենից քիչ կարող էր օգնություն սպասել։ Հետո, ևս մի հանելուկ․ այդ գիշեր նա ո՞ւմ էր սպասում, և ինչո՞ւ պիտի տեսակցությունը տեղի ունենար ծառուղում և ոչ թե տանը։
― Կարծուն եք նա մեկին սպասո՞ւմ էր։
― Ինքներդ դատեցեք․ հիվանդ, ծեր մարդը երեկոյան դուրս է գալիս զբոսանքի՝ այստեղ ոչ մի զարմանալի բան չկա։ Բայց չէ՞ որ այդ օրը խոնավ էր, ցուրտ։ Ուրեմն, ինչո՞ւ պետք է հենց այնպես կանգներ դռնակի մոտ հինգ, գուցե և տասը րոպե, ինչպես հաստատում է դոկտոր Մորտիմերը, որը ուշադրություն է դարձրել սիգարի մոխրին։ Ի միջի այլոց, որքան էլ տարօրինակ է, բայց չի կարելի ժխտել, որ նա լավ դիտողականություն ունի։
― Սըր Չարլզը ամեն երեկո էր այդպիսի զբոսանք կատարում։
― Եվ ամեն երեկո կանգ էր առնում դռնակի մո՞տ։ Հազիվ թե։ Ընդհակառակը, տեղեկություններ կան, որ սըր Չարլզը ձգտում էր հեռու մնալ ճահիճներից։ Իսկ այդ գիշեր նա այնտեղ ինչ֊որ մեկին սպասել է։ Եվ դա եղել է նրա ենթադրյալ Լոնդոն մեկնելու նախօրյակին։ Տեսնո՞ւմ եք, Ուոտսն, թե ինչպես է ամեն ինչ դասավորվում օղակ առ օղակ։ Իսկ հիմա բարի եղեք ինձ տալ այդ ջութակը, և մենք այս գործին վերաբերող հոգսերը կհետաձգենք, հուսալով, որ դոկտոր Մորտիմերի և սըր Հենրի Բասկերվիլի վաղվա այցելությունը մտմտալու նոր սնունդ կտա մեզ։
Գլուխ IV Սըր Հենրի Բասկերվիլը
Մենք վաղ նախաճաշեցինք, և Հոլմսը խալաթը հագնելով պատրաստվեց այցելուներին ընդունելու։ Մեր հաճախորդները ոչ մի վայրկյան չուշացան․ հենց որ ժամացույցը զարկեց տասը, դոկտոր Մորտիմերը ներս մտավ երիտասարդ բարոնետի ուղեկցությամբ։ Վերջինս երեսունին մոտ, ոչ բարձրահասակ, թիկնեղ, ամրակազմ երիտասարդ էր։ Նա թողնում էր շատ աշխույժ, առողջ մարդու տպավորություն։ Դեմքի արտահայտությունը համառ թվաց ինձ․ խաժ աչքերը հանդուգն նայում էին մեզ թավ, մուգ հոնքերի տակից։ Սպորտային ձևվածքի դարչնագույն կոստյումը և թուխ, հողմահար մաշկը վկայում էին, որ նա ամենևին էլ նստակյաց ու փափկասուն մարդ չէ, միաժամանակ հանգիստ, վստահ կեցվածքը վկայում էր նրա իսկական ջենտլմեն լինելը։
― Սըր Հենրի Բասկերվիլ, ― ներկայացրեց դոկտոր Մորտիմերը։
― Այո, նա ինքը, ― ասաց բարոնետը։ Եվ ամենահետաքրքրականն այն է, միստր Հոլմս, որ եթե իմ բարեկամը չառաջարկեր այցելել ձեզ, ես պիտի ձեզ մոտ գայի սեփական նախաձեռնությամբ։ Ասում են, դուք կարողանում եք լուծել ամենատարբեր ռեբուսներ, իսկ ես հենց այս առավոտ բախվեցի այնպիսի մի հանելուկի, որը անկարող եմ լուծել։
― Նստեցեք, սըր Հենրի։ Եթե ես ձեզ ճիշտ հասկացա, ապա Լոնդոն ժամանելիս ձեզ հետ ինչ֊որ արտակարգ բա՞ն է կատարվել։
― Ես դրան մի առանձին ուշադրություն չէի դարձնի, միստր Հոլմս։ Ըստ երևույթին, ինչ֊որ մեկը որոշել էր կատակել ինձ հետ։ Բայց այս առավոտ ես ստացա ահա այս նամակը, եթե միայն սա արժանի է նման ուշադրության։
Նա սեղանին դրեց մի ծրար, և մենք սկսեցինք զննել այն։ Դա ամենասովորական գորշ թղթե ծրար էր։ Հասցեն՝ «Նորթումբերլենդ» հյուրանոց, սըր Հենրի Բասկերվիլին», ― գրված էր խոշոր տպատառերով, փոստային կնիքի վրա՝ «Չերինգ֊կրոսս» և ուղարկման ամսաթիվը՝ նախորդ օրվա երեկոն։
― Որևէ մեկը գիտե՞ր, որ դուք իջևանելու եք «Նորթումբերլենդ» հյուրանոցում, ― հարցրեց Հոլմսը, քննախույզ մի հայացք նետելով մեր հյուրի վրա։
― Ոչ ոք չգիտեր։ Ես որոշեցի որտեղ եմ իջևանելու դոկտոր Մորտիմերին հանդիպելուց հետո միայն։
― Բայց, հավանաբար, դոկտոր Մորտիմերն ինքն է՞լ է այնտեղ իջևանել։
― Ո՛չ, ես ապրում եմ ծանոթներիս մոտ, ― ասաց դոկտորը։ ― Ոչ ոք չէր կարող իմանալ, որ մենք գնալու ենք այդ հյուրանոցը։
― Հը՜մ, ուրեմն, ինչ֊որ մեկը խիստ հետաքրքրվում է ձեր տեղաշարժումներով։
Հոլմսը ծրարից հանեց քառածալ թուղթը, բացեց ու դրեց սեղանին։ Էջի մեջտեղում միայն մի նախադասություն կար՝ կազմված սոսնձով իրար կպցրած տպագիր բառերից։ «Եթե ողջամտությունն ու կյանքը թանկ են ձեզ համար, հեռու մնացեք տորֆային ճահիճներից»։ «Տորֆային Ճահիճներից» բառերը ձեռագիր էին, գրված թանաքով։
― Այսպես ահա, միստր Հոլմս, ― ասաց սըր Հենրի Բասկերվիլը, ― գուցե դուք կբացատրեք, թե այս ամենն ի՞նչ է նշանակում, և ո՞վ է այդպես հետաքրքրվում իմ գործերով։
― Դոկոտոր Մորտիմեր, իսկ դո՞ւք ինչ կասեք։ Այս անգամ կարծես ոչ մի գերբնական բան չկա այստեղ։
― Այո, սըր, բայց գուցե նամակն ուղարկել է մի մարդ, որը համոզված է, որ ամբողջ այս պատմությունը լիովին գերբնական է։
― Ի՞նչ պատմություն, ― կտրուկ հարցրեց սըր Հենրին։ ― Ջենտլմեններ, ըստ երևութին դուք իմ գործերին ավելի լավ եք ծանոթ, քան ես։
― Մենք ամեն ինչ կպատմենք ձեզ, սըր Հենրի։ Առանց դրա դուք այստեղից չեք հեռանա, հավատացեք իմ խոսքին, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Իսկ հիմա եկեք զբաղվենք այս հույժ հետաքրքրական փաստաթղթով, որը պատրաստվել է ու փոստարկղ գցվել երեկ երեկոյան։ Ուոթսն, մենք երեկվա «Թայմսը» ունե՞նք։
― Ահա այնտեղ, անկյունում դրված է։
― Բարի եղեք, խնդրեմ, տալ ինձ այն էջը, որտեղ առաջնորդողն է։
Նա արագ աչքի անցկացրեց այն․ «Առևտրի ազատությունը․․․»։ Հիանալի առաջնորդող է։ Թույլ տվեք բարձրաձայն կարդալ մի պարբերություն։ «Եթե որևէ մեկն աշխատի ներշնչել ձեզ, որ արդյունաբերության այն ճյուղը, որով դուք անձամբ հետաքրքրվում եք, գտնվում է պրոտեկցիոն տարիֆների հովանավորության ներքո, հեռու մնացեք այդպիսի մարդուց, քանզի ողջամտությունը պետք է ձեզ հուշի, որ նմանօրինակ սիստեմը վերջ ի վերջո կքայքայի մեր արտահանությունը և կխախտի մեր կղզու նորմալ կյանքը, որի շահերը թանկ են բոլորիս համար»։ Ի՞նչ կասեք սրան, Ուոթսն, ― բացականչեց Հոլմսը, ուրախ շփելով ձեռքերը։ ― Փայլո՜ւն միտք է, այնպես չէ՞։
Դոկտոր Մորտիմերը նայեց Հոլմսին, ինչպես հոգատար բժիշկները նայում են ծանր հիվանդ պացիենտներին, իսկ սըր Հենրի Բասկերվիլը իր խաժ աչքերի տարակուսալի հայացքը հառեց ինձ վրա։
― Ես այնքան էլ գլուխ չեմ հանում տարիֆային քաղաքականությունից, ― ասաց նա, ― բայց ինձ թվում է, որ մենք փոքր֊ինչ շեղվեցինք մեր թեմայից։
― Ընդհակառակը, սըր Հենրի, մենք գնում ենք թարմ հետքերով։ Ուոթսնը ձեզանից ավելի լավ է ծանոթ իմ մեթոդին, բայց վախենամ կարդացած հատվածի իմաստը սպրդեց անգամ նրանից։
― Այո՛, խոստովանում եմ, ես ոչ մի կապ չեմ տեսնում դրա ու նամակի միջև։
― Իսկ այդ կապը, թանկագին Ուոթսն, այնքան սերտ է, որ ըստ էության մեկը թխված է մյուսից։ «Եթե», «ձեզ», «հեռու մնացեք», «ողջամտություն», «կյանք», «թանկ են»։ Մի՞թե չեք կռահում, թե այս բառերը որտեղից են վերցված։
― Ա՛խ, գրո՜ղը տանի, ― բացականչեց սըր Հենրին։ ― Իհարկե, դուք իրավացի եք։ Ինչպիսի՜ փայլուն կռահում։
― Եթե դեռևս տարակուսում եք, ապա նայեցեք խնդրեմ «հեռու մնացեք» բառերին՝ դրանք կտրված են միասին։
― Հապա՛․․․ Այո, իսկապես։
― Գիտեք, միստր Հոլմս, ես նույնիսկ չէի պատկերացնում, թե այդպիսի բաները հնարավոր են, ― ասաց դոկտոր Մորտիմերը՝ զարմանքով նայելով բարեկամիս։ ― Կռահել, որ բառերը կտրված են լրագրային տեքստից՝ դա էլի ոչինչ։ Բայց անսխալ ցույց տալ թերթը, ի՜նչ եմ ասում, ցույց տալ այն հոդվածը, որից դրանք վերցված են, դա վեր է ամեն մի պատկերացումից։ Դուք ինչպե՞ս կռահեցիք։
― Դոկտոր, ես կարծում եմ, որ դուք նեգրի գանգը կարող եք տարբերել էկսիմոսի գանգից։
― Իհարկե, կարող եմ։
― Ինչպե՞ս։
― Բայց ախր դա իմ սիրած թեման է։ Ակնհայտ է մեկի ու մյուսի տարբերությունը։ Վերհոնքյան աղեղներ, դիմային անկյուն, ծնոտի կարռուցվածք։
― Ես էլ ունեմ իմ սիրած թեման։ Ըստ իս, «Թայմսի» առաջնորդողների շպոններով բորգեսի[2] և երեկոյան էժանագին թերթիկների աղոտ տառերի միջև տարբերությունը պակաս ակնհայտ չէ, քան ձեր նեգրերի ու էսկիմոսների միջև եղած տարբերությունը։ Տառերի իմացությունը խուզարկուին առաջադրվող ամենատարրական պահանջներից մեկն է, չնայած, պիտի խոստովանեմ, որ պատանեկության օրերում ես մի անգամ «Լեդի Մերկուրիոսը» շփոթեցի «Առավոտյան լուրերի» հետ։ Բայց «Թայմսի» առաջնորդողը ոչ մեկի հետ շփոթել չի կարելի, և այս բառերը կարող էին կտրված լինել միայն այնտեղից։ Իսկ քանի որ նամակն ուղարկված է երեկ, ամեն ինչ հուշում էր, որ նախ պետք էր նայել երեկվա համարը։
― Միստր Հոլմս, ― ասաց սըր Հենրին, ― ուրեմն, այս նամակն ինչ֊որ մեկը կազմել է, կտրելով մկրատով․․․
― Մատնահարդարման մկրատով, ― ընդհատեց նրան Հոլմսը։ ― Ուշադրություն դարձրե՞լ եք, թե ինչ կարճ ծայրեր ունեն դրանք․ «հեռու մնացեք» բառերը կտրելիս հարկ է եղել երկու կտրվածք անել։
― Միանգամայն ճիշտ է։ Ինչ֊որ մեկն այդ բառերը փոքրիկ մկրատով կտրել ու սոսնձել է է թղթին․․․
― Արաբական խեժով, ― հուշեց Հոլմսը։
― ․․․ և դրանք սոսնձել է թղթին արաբական խեժով։ Բայց այդ դեպքում «տորֆային ճահճուտը» բառերն ինչո՞ւ են ձեռքով գրված։
― Որովհետև նամակի հեղինակը դրանք թերթում չի գտել։ Մյուս բոլոր բառերը բավական սովորական են, դրանց կարելի է հանդիպել ուզած տեքստում, իսկ սրանք համեմատաբար հազվադեպ են պատահում։
― Միանգամայն ճշմարտանման բացատրություն։ Միստր Հոլմս, ուրիշ էլ ի՞նչ հաջողվեց ձեզ կարդալ այստեղ։
― Որոշ բան հաջողվեց, չնայած հեղինակը ջանք չի խնայել, որպեսզի ոչնչացնի ամենաչնչին հանցանշանները։ Ինչպես ինքներդ էլ կարող եք համոզվել, հասցեն գրված է խոշոր տպատառերով։ Բայց «Թայմսի» նման թերթը հազվադեպ է հասարակ մարդկանց ձեռքն ընկնում։ Հետևաբար, այստեղից հետևում է, որ նամակը կազմել է կրթված մի մարդ, որն ուզում է անկիրթ երևալ ու դիտմամբ փոխել է ձեռագիրը, ըստ երևույթին վախենալով ճանաչվելուց, եթե ոչ հիմա, ապա հետագայում։ Բացի դրանից, ուշադրություն դարձրեք, որ բառերը անհավասար են սոսնձված, մի մասը բարձրացել է տողից վերև։ Օրինակ, «կյանք» բառը բոլորովին իր տեղում չէ։ Սա ցույց է տալիս հեղինակի անփութությունը, գուցե և հուզմունքը կամ շտապողականությունը, քանի որ այդ մարդը դժվար թե անփույթ գտնվեր այդպիսի, ըստ էության, լուրջ գործում։ Եթե նա իսկապես շտապել է, ապա հետաքրքիր է իմանալ՝ ինչո՞ւ։ Չէ որ երեկ գրված նամակը այսպես թե այնպես պետք է սըր Հենրիին հասներ հյուրանոցում։ Գուցե հեղինակը վախեցել է ինչ֊որ խոչընդոտից։ Բայց ո՞ւմ կողմից։
― Մենք կարծես ընկնում ենք ենթադրությունների բնագավառը, ― նկատեց դոկտոր Մորտիմերը։
― Ավելի լավ է ասեք՝ այն բնագավառը, որտեղ ծանրութեթև են արվում բոլոր հնարավորությունները, որպեսզի դրանցից ընտրվեն ամենաարժանահավատները։ Այսպիսին է երևակայության ուժի գիտական օգտագործումը, որը մասնագետների մոտ միշտ էլ գործում է նյութական հաստատուն հիմքի վրա։ Դուք սա, իհարկե, զուտ ենթադրություն կհամարեք, բայց ես համարյա համոզված եմ, որ հասցեն գրված է որևէ հյուրանոցում։
― Ինչո՞ւ եք այդպես կարծում։
― Ծրարն ավելի ուշադիր զննեք և կտեսնեք, որ գրենական պիտույքների հարցում գրողի բախտը չի բերել։ Գրչածայրը երկու անգամ դեմ է առել նույն բառի վրա, և նա ստիպված գրիչը երեք անգամ թաթախել է թանաքամանի մեջ՝ այդպիսի մի կարճ հասցե գրելու համար։ Ուրեմն, թանաքը քիչ է եղել, հատակին միայն։ Սեփական թանաք֊գրիչը հազվադեպ է այդպիսի վիճակի հասցվում, իսկ որպեսզի թե՛մեկը, թե՛ մյուսը հրաժարվեն ծառայելուց՝ այդ արդեն բացառիկ դեպք է։ Սակայն, ինչպես գիտեք, հյուրանոցներում գրեթե որիշ տեսակ գրիչներ ու թանաքամաններ չեն լինում։ Այո՛, ես համարյա առանց տատանվելու կասեմ, որ եթե մեզ հաջողվեր ստուգել Չերինգ֊կրոսի մոտակայքում գտնվող բոլոր հյուրանոցների թղթի զամբյուղները և հայտնաբերել «Թայմսի» առաջնորդողի կտրատված մնացորդները, իսկույն կգտնեինք այս տարօրինակ ուղերձի հեղինակին․․․ Սպասեցե՛ք, սպասեցե՛ք, այս ի՞նչ բան է։
Նա սկսեց ուշադիր դիտել էջը, որի վրա սոսնձված էին բառերը, պահելով այն աչքերից մեկ֊երկու դյույմ հեռավորության վրա։
― Դե ի՞նչ։
― Չէ, ոչինչ, ― ասաց Հոլմսը և նամակը դրեց սեղանին։ ― Թուղթը բոլորովին հարթ է, նույնիսկ առանց ջրանիշների։ Չէ, մենք այս հետաքրքիր նամակից քամեցինք այն ամենը, ինչ հնարավոր էր։ Իսկ այժմ, սըր Հենրի, պատմեցեք, թե Լոնդոն ժամանելու պահից որևէ արտակարգ բան չի՞ պատահել ձեզ հետ։
― Դե ոչ, միստր Հոլմս, կարծես առանձին ոչ մի բան։
― Ոչ ոք ձեզ չի՞ դարանակալել, չի՞ հետևել։
― Ես կարծես ընկել եմ ինչ֊որ դետեկտիվ վեպի մեջ, ― ասաց մեր հյուրը։ ― Ո՞ւմ խելքին պետք է փչի հետամտել ինձ։
― Սպասեցեք, մենք կխոսենք նաև այդ մասին։ Իսկ առայժմ մտածեցեք՝ մի՞թե որևէ պատմելու բան չունեք։
― Նայած թե ինչը արժանի կհամարեիք ձեր ուշադրությանը։
― Այն ամենը, ինչ որևէ կերպ դուրս է մնում կյանքի սովորական շրջանակներից։
Սըր Հենրին ժպտաց։
― Համարյա ամբողջ մանկությունս ու պատանեկությունս անցել է Միացյալ Նահանգներում ու Կանադայում, այդ պատճառով էլ անգլիական կենցաղը դեռևս նորություն է ինձ համար։ Սակայն դժվար թե ձեզ մոտ նորմալ համարվի այն, երբ հանկարծ մարդու կոշիկի թայը կորչում է։
― Դուք կորցրել եք կոշիկի մի թա՞յը։
― Բարեկա՛մս, ― բացականչեց դոկտոր Մորտիմերը, ձեր կոշիկը պարզապես մի տեղ խցկել են, կգտնվի։ Արժե՞ միստր Հոլմսին անհանգստացնել այդպիսի մանրուքներով։
― Բայց նա հարցնում է, թե որևէ տարօրինակ բան չի՞ պատահել ինձ հետ։
― Միանգամայն ճիշտ է, ― ասաց Հոլմսը, ― ինձ հետաքրքրում է ամեն մի մանրուք, որքան էլ անհեթեթ լինի։ Ուրեմն, դուք կորցրել եք կոշիկի թայը։
― Այո՛, բայց գուցե իսկապես մի տեղ խցկել են այն։ Երեկ երեկոյան ես կոշիկներս դրեցի դռան ետևը, իսկ առավոտյան այնտեղ միայն մի թայն էր։ Ինձ այնպես էլ չհաջողվեց միջանցքի աշխատողից խելացի պատասխան ստանալ։ Ամենացավալին այն է, որ ես դրանք գնել էի ընդամենը նախօրյակին, Սթրենդում, և նույնիսկ դեռ չէի հագել։
― Դուք նոր կոշիկները տվել էիք մաքրմա՞ն։ Ինչո՞ւ։
― Դրանք բաց դարչնագույն էին։ Ես պատվիրեցի մաքրել մուգ քսուկով։
― Ուրեմն, Լոնդոն գալուն պես անմիջապես գնացիք կոշի՞կ գնելու։
― Ես ընդհանրապես շրջում էի խանութներում։ Դոկտոր Մորտիմերն ընկերակցում էր ինձ։ Բանն այն է, որ եթե մարդուս վիճակված է մեծ կալվածքի տեր դառնալ, ապա ուրեմն նա պետք է նաև հագնվի ըստ պատշաճի, իսկ ես, ապրելով արևմուտքում, այնքան էլ կարևորություն չէի տալիս իմ հարդարանքին։ Այլ բաների թվում գնեցի նաև այդ կոշիկները՝ վեց դոլար արժողությամբ։ Եվ ահա, այնպես էլ չհաջողվեց դրանք հագնել։
― Եթե դա գողություն է, ապա բավական անմիտ, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Ճիշտն ասած, ես համաձայն են դոկտոր Մորտիմերի հետ՝ ձեր կոշիկը շուտով կգտնվի։
― Իսկ այժմ, ջենտլմեններ, ― վճռականորեն խոսեց բարոնետը, ― հերիք է դատողություններ անել այն մասին, ինչը ես մինչև հիմա էլ կարգին չգիտեմ։ Ժամն է կատարելու ձեր խոստումն ու բացատրելու, թե այս խոսակցություններն ինչի՞ համար են։
― Օրինական պահանջ է, ― համաձայնեց Հոլմսը։ ― Դոկտոր Մորտիմեր, կարծում եմ դուք ինքներդ պետք է ամեն ինչ պատմեք սըր Հենրիին, ինչպես պատմեցիք մեզ։
Քաջալերված այդ խնդրանքից, մեր գիտնական բարեկամը հանեց գրպանից ձեռագիրն ու լրագիրը և բառ առ բառ կրկնեց իր երեկվա պատմությունը։ Սըր Հենրին լսում էր խորին ուշադրությամբ, մերթ ընդ մերթ զարմացական բացականչություններով ընդհատելով դոկտորին։
― Այո, լա՜վ ժառանգություն է բաժին ընկել ինձ, ― ասաց նա, երբ երկարաշունչ պատմությունն ավարտվեց։ ― Իհարկե, շան մասին ես լսել էի դեռևս մանկական տարիներից։ Այդ լեգենդը սիրում էին պատմել մեր ընտանիքում, չնայած մինչև հիմա էլ ես ոչ մի նշանակություն չեմ տալիս դրան։ Իսկ ինչ վերաբերում է հորեղբորս մահվան, ապա գլխումս ամեն ինչ այնպես է խառնվել, որ դեռ ոչինչ չեմ կարող հասկանալ։ Ասենք, իմ կարծիքով դուք ինքներդ էլ չգիտեք, ում պետք է դիմել՝ քահանայի՞, թե ոստիկանի։
― Միանգամայն ճիշտ է։
― Հիմա էլ այս նամակը։ Ըստ երևույթին, սա որևէ կապ ունի իրադարձությունների ընդհանուր ընթացքի հետ։
― Այո, դատելով սրանով, ինչ֊որ մեկը մեզանից շատ ավելի լավ գիտե, թե ինչ է կատարվում տորֆային ճահիճներում, ― ասաց դոկտոր Մորտիմերը։
― Եվ այդ «ինչ֊որ մեկը», ըստ երևույթին, բարեհաճ է ձեր նկատմամբ, քանի որ նախազգուշացնում է վտանգի մասին, ― ասաց Հոլմսը։
― Իսկ գուցե ընդհակառակը՝ ինչ֊որ մեկին շահավետ է վախեցնել Բասկերվիլ֊հոլլից։
― Դա էլ չի բացառվում․․․ Դոկտոր Մորտիմեր, դուք անչափ պարտավորեցրիք ինձ, այսպիսի հետաքրքիր ու դժվարին խնդիր առաջադրելով։ Սըր Հենրի, իսկ այժմ պետք է ըստ էության որոշել՝ կարո՞ղ եք մեկնել Բասկերվիլ֊հոլլ, թե ոչ։
― Իսկ ինչո՞ւ չպիտի մեկնեմ։
― Ըստ երևույթին, դա անվտանգ չէ։
― Այդ վտանգը որտեղի՞ց է գալիս՝ մեր ընտանեկան խրտվիլակի՞ց, թե մարդկանցից։
― Հենց դա էլ մենք պիտի պարզենք։
― Ինչ էլ որ լինի, իմ պատասխանն այս է․ ո՛չ դժոխային ուժերը, ո՛չ էլ մարդկային խարդավանքները չեն կարող ինձ այստեղ պահել։ Ես կմեկնեմ իմ նախնիների տունը։ Որոշված է վերջնականապես։ ― Նրա մուգ հոնքերը հավասարվեցին, թուխ դեմքը կարմրատակեց։ Բասկերվիլյան անհնազանդությունն իրեն ակնհայտորեն զգացնել տվեց նաև տոհմի այս վերջին շառավղի մեջ։ ― Ես դեռևս ժամանակ չեմ ունեցել կշռադատելու այն ամենը, ինչ այստեղ ձեզանից լսեցի։ Այնքան էլ հեշտ չէ ամեն ինչ մեկեն յուրացնել ու որոշել հետագա անելիքը։ Կուզենայի գոնե մի ժամ առանձին մնալ ու ամեն ինչի մասին մտածել։ Գիտեք ինչ, միստր Հոլմս, հիմա տասնմեկն անց է կես, և ես ուղիղ կգնամ հյուրանոց։ Ի՞նչ կլինի, եթե դուք և ձեր բարեկամ դոկտոր Ուոթսնը ժամը երկուսի մոտերքը գաք մեզ մոտ նախաճաշելու։ Մինչ այդ ես այնուամենայնիվ մի բան կորոշեմ։
― Ուոթսն, ձեզ հարմա՞ր է։
― Լիովին։
― Այդ դեպքում մենք կգանք։ Կառք կանչե՞մ ձեզ համար։
― Ո՛չ, ավելի լավ է քայլեմ․ մի փոքր ուշքի կգամ մեր այս խոսակցությունից հետո։
― Ես հաճույքով կմիանամ ձեզ, ― ասաց նրա ուղեկիցը։
― Ուրեմն, ժամը երկուսին կտեսնվենք։ Մինչ նոր հանդիպում, հաջողություն։
Մենք լսեցինք, թե ինչպես մեր այցելուները աստիճաններով իջան ներքև ու ետևներից ծածկեցին մուտքի դուռը։ Հոլմսը մի ակնթարթում կերպարանափոխվեց․ նրա նվաղկոտությունից հետք անգամ չմնաց, նա նորից դարձավ գոծողության մարդ։
― Հագնվե՛ք, Ուոթսն, շո՛ւտ։ Ոչ մի վայրկյան չի կարելի կորցնել։
Ընթացքի մեջ հանելով խալաթը, նա արագ մտավ իր սենյակն ու երկու֊երեք րոպեից հետո վերադարձավ արդեն սերթուկով։ Մենք աստիճաններով վազեցինք ցած, փողոց։ Դոկտոր Մորտիմերն ու Բասկերվիլը դեռ երևում էին առջևում, երկու հարյուր քայլի վրա։ Նրանք քայլում էին Օքսվորդ֊ստրիտի ուղղությամբ։
― Հասնե՞նք նրանց։
― Ոչ մի դեպքում, բարեկամ։ Եթե դուք ինձ հետ չեք ձանձրանում, ապա ես ձեզ հետ՝ առավել ևս։ Մեր բարեկամներն իրավացի են՝ այսպիսի առավոտյան զբոսնելը միայն հաճույք է։
Նա քայլերն արագացրեց, և մեր ու մեր քիչ առաջվա այցելուների միջև տարածությունն աստիճանաբար կիսով չափ կրճատվեց։ Շարունակելով պահպանել այդ հեռավորությունը, մենք նրանց ետևից թեքվեցինք Օքսվորդ֊ստրիտ, հետո՝ Ռիջենթ֊ստրիտ։ Խանութներից մեկի մոտ սըր Հենրին ու դոկտոր Մորտիմերը կանգ առան՝ դիտելով ցուցափեղկը։ Հոլմսը նույնպես կանգ առավ։ Մի վայրկյան անց նա գոհունակությամբ քմծիծաղեց և, հետևելով նրա ուշադիր հայացքին, ես նկատեցի, որ փողոցի մյուս կողմում կանգնած կառքը, որի պատուհանից երևում էր ուղևորը, դանդաղ առաջ շարժվեց։
― Այ հենց նա էլ մեզ պետք է, Ուոթսն։ Գնանք։ Աշխատենք գոնե մի լավ զննել այդ մարդուն։
Հենց այդ պահին, կառքի կողքի պատուհանում երևաց ու կորավ մի խիտ սև մորուք, և ինչ֊որ մեկի աչքերը շեշտակի հայացքով չափեցին մեզ․ դրանից հետո անմիջապես բացվեց վերևի պատուհանիկը, ուղևորն ինչ֊որ բան գոռաց կառապանին, և կառքը սրընթաց սլացավ Ռիջենտ֊ստրիտով։ Հոլմսը շուրջը նայեց, ազատ կառք փնտրելով, բայց իզուր՝ ազատ կառք չկար։ Այդ ժամանակ նա նետվեց փողոցային երթևեկության ամենաբանուկ տեղը, կառքի ետևից, որը արագորեն անհետացավ մեր աչքից։
― Ա՛խ, գրո՛ղը տանի, ― սրտնեղությունից գունատված, հազիվ արտաբերեց նա, դուրս գալով երթևեկության հոսանքից։ ― Այ թե բախտներս չբերե՜ց։ Ամեն ինչում ինքս եմ մեղավոր։ Ուոթսն, Ո՛ւոթսն, եթե գոնե մի կաթիլ օրինավորություն ունեք, իմ այս անփութությունը կգրանցեք ձեր տարեգրության մեջ հաջողությունների կողքին։
― Ի՞նչ մարդ էր դա։
― Պատկերացում չունեմ։
― Լրտե՞ս։
― Այո, երևում է՝ ինչ֊որ մեկը Լոնդոն գալու պահից հետևում է Բասկերվիլին։ Այլապես որտեղի՞ց է հայտնի, որ նա իջևանել է «Նորթումբերլենդ» հյուրանոցում։ Ես մտածում էի այսպես․ եթե նրան հետևել են առաջին օրը, ապա կհետևեն նաև հետագայում։ Դուք, հավանաբար, ուշադրություն դարձրիք, որ ես երկու անգամ մոտեցա պատուհանին, երբ դոկտոր Մորտիմերը կարդում էր իր լեգենդը։
― Այո, հիշում եմ։
― Ինձ հետաքրքրում էր, թե արդյոք որևէ մեկը չի՞ թրևում տան շուրջը, բայց ոչ մի կասկածելի մարդ չտեսա։ Մենք գործ ունենք խելացի անձնավորության հետ, Ուոթսն։ Այս ամենը շատ լուրջ է, և չնայած ինձ համար պարզ չէ, թե ինչ ուժեր են գործում այստեղ՝ բարի, թե չար, այնուամենայնիվ, շարունակ զգում եմ ինչ֊որ մեկի կողմնակի միջամտությունը, ինչ֊որ մեկի ճշգրիտ հաշվարկները։ Երբ մեր նոր բարեկամները հեռացան, ես անմիջապես նետվեցի նրանց ետևից, հուսալով հենց այդտեղ էլ որսալ նրանց անորսալի ստվերը։ Իսկ այդ խորամանկը չէր համարձակվել ոտքով գալ ու կառք էր վերցրել, որպեսզի հարկ եղած դեպքում հետևի նրանց կամ հասնի, միաժամանակ աննկատ մնալով։ Նրա հնարն ունի նաև այն առավելությունը, որ եթե մեր բարեկամները ևս կառք նստեին, նա աչքից չէր կորցնի նրանց։ Բայց այնուամենայնիվ այդ հնարը խոցելի մի տեղ ունի։
― Կառապա՞նը։
― Հենց նա։
― Ափսոս կառքի համարը չնկատեցինք։
― Սիրելիդ իմ Ուոթսն, ճիշտ է, այս անգամ ես պարծենալու բան չունեմ, բայց մի՞թե մի վայրկյան անգամ կասկածում եք, որ ես համարը չեմ նկատել։ Խնդրեմ՝ երկու հազար յոթ հարյուր չորս։ Ասենք, հիմա դա մեզ պետք չէ։
― Չեմ հասկանում, թե դուք ուրիշ ի՞նչ կարող էիք անել։
― Տեսնելով նրան, ես պետք է իսկույն թեքվեի հակառակ կողմը, անշտապ կառք վերցնեի ու պատկառելի հեռավորությամբ հետևեի առաջինին։ Իսկ ավելի լավ կլիներ ուղիղ հյուրանոց գնալ ու այնտեղ սպասել հետագա իրադարձություններին։ Այդ խորհրդավոր անծանոթը Բասկերվիլին կուղեկցեր մինչև դուռը, և մենք հենց իր հնարի օգնությամբ կարող էինք հետևել, թե հետո ուր է գնում։ Իսկ հիմա մեր հակառակորդը ապշեցուցիչ ճարպկությամբ օգտվեց իմ անտեղի շտապողականությունից, որը լիովին մատնեց մեզ, ու ես հետքը կորցրի։
Այս խոսակցության միջոցին մենք դանդաղ քայլում էինք Ռիջենթ֊ստրիտով, արդեն առջևում չտեսնելով դոկտոր Մորտիմերին և իր ուղեկցին։
― Հիմա ոչ մի իմաստ չունի հետևել նրանց, ― ասաց Հոլմսը։ ― Նրանց ստվերը չքացավ ու այլևս չի հայտնվի։ Պետք է տեսնել, թե մենք ինչ հաղթաթղթեր ունենք ու համարձակորեն օգտագործենք դրանք։ Մի լավ տնտղեցի՞ր կառքում նստած մարդու դեմքը։
― Դեմքը՝ ոչ, բայց մորուքը տեսա։
― Ես նույնպես․․․ իսկ այստեղից հետևում է, որ մորուքը, ամենայն հավանականությամբ, կեղծ էր։ Երբ խելոք մարդը մտնում է այսպիսի համարձակ, հատուկ զգուշություն պահանջող ձեռնարկության մեջ, մորուքը նրան հարկավոր է քողարկման համար։ Մտնենք այստեղ, Ուոթսն։
Հոլմսը մտավ այդ շրջանի առաքման գրասենյակներից մեկը, որի պետը նրան գրկաբաց ընդունեց։
― Օհո՜, Ուիլսն, տեսնում եմ, չեք մոռացել իմ օգնությունը այն փոքրիկ գործում։
― Ի՜նչ եք ասում, սըր, մի՞թե դա կմոռացվի։ Ես ձեզ եմ պարտական իմ ազնիվ անունը, գուցե և կյանքը։
― Չափազանցում եք, բարեկամս։ Ի դեպ, Ուիլսն, որքան հիշում եմ, ձեզ մոտ Քարթրայթ անունով մի տղա կար, որը մեծ խելամտություն հանդես բերեց ձեր գոծի հետաքննության ժամանակ։
― Այո, սըր, նա հիմա էլ ինձ մոտ է աշխատում։
― Չի՞ կարելի արդյոք կանչել նրան։ Շնորհակալ եմ։ Եվ էլի մի բան․ բարի եղեք մանրել այս հինգ ֆունտը։
Պետի կանչին ներկայացավ տասնչորսամյա մի պատանի՝ աշխույժ, խելացի դեմքով։ Նա կանգնեց մեր առաջ՝ խորին պատկառանքով նայելով նշանավոր խուզարկուին։
― Տվեք ինձ «Հյուրանոցների ուղեցույցը», ― ասաց Հոլմսը։ ― Շնորհակալ եմ։ Նայիր, Քարթրայթ, ահա սրանք Չերինգ֊կրոսի շրջանի քսաներեք հյուրանոցների անուններն են։ Տեսնո՞ւմ ես։
― Այո, սըր։
― Դու հերթով կշրջես բոլոր հյուրանոցները։
― Լսում եմ, սըր։
― Ու նախ բարապաններին մեկական շիլինգ կտաս։ Ահա քեզ քսաներեք շիլինգ։
― Լսում եմ, սըր։
― Կասես, որ քեզ անհրաժեշտ է նայել երեկվա զամբյուղներից թափված աղբը։ Կբացատրես այսպես․ մի շատ կարևոր հեռագիր սխալմամբ ուղարկել են ոչ այն հասցեով, և քեզ պատվիրել են գտնել այն։ Պա՞րզ է։
― Այո, սըր։
― Բայց իրականում դու պետք է փնտրես «Թայմս» թերթի այն էջը, որը մի քանի տեղից մկրատով կտրատված է։ Ահա «Թայմսի» համարը, իսկ հարկավոր է այս էջը։ Կարո՞ղ ես սա տարբերել մյուսներից։
― Այո, սըր։
― Իհարկե, բարապանները քեզ կուղարկեն միջանցքի սպասավորների մոտ։ Նրանց էլ մեկական շիլինգ կտաս։ Ահա քեզ ևս քսաներեք շիլինգ։ Քսաներեք դեպքից քսանում, հավանաբար պարզվի, որ աղբը զամբյուղից դուրս են թափել կամ այրել են։ Բայց մնացած երեք հյուրանոցում քեզ ցույց կտան թղթերի կույտերը, որոնց մեջ էլ կփնտրես այս էջը։ Հաջողության հավանականությունը շատ քիչ է։ Համենայն դեպս, տալիս եմ ևս տասը շիլինգ։ Երեկոյան հեռագրիր ինձ Բեյքր֊ստրիտ, թե գործերդ ինչպես են․․․ Իսկ հիմա, Ուոթսն, մնում է հեռագրով հարցում անել երկու հազար յոթ հարյուր չորս համարի կառապանի մասին, որից հետո կմտնենք Բոնդ֊ստրիտի որևէ պատկերասրահ ու մինչև նախաճաշի ժամը կանցկացնենք այնտեղ։
Գլուխ V Երեք կտրված թել
Շերլոկ Հոլմսը զարմանալի ընդունակություն ուներ՝ անջատվել գործերի մասին մտածելուց։ Նա ամբողջովին տարվեց ժամանակակից բելգիական նկարիչների աշխատանքներով և երկու ժամ, ըստ երևույթին, ոչ մի անգամ չհիշեց այն տարօրինակ պատմության մասին, որի մեջ հանգամանքների բերումով ներգրավվել էինք նաև մենք։ Պատկերասրահից մինչև «Նորթումբերլենդ» ամբողջ ճանապարհին նա խոսում էր միայն գեղանկարչության մասին, չնայած այդ մարզում նրա ըմբռնումները ծայրաստիճան պարզունակ էին։
― Սըր Հենրի Բասկերվիլը վերևում սպասում է ձեզ, ― զեկուցեց նախասրահի հերթապահը։ ― Նա խնդրեց հյուրերին իսկույն իր մոտ տանել։
― Թույլ կտա՞ք նայել ձեր կենվորների ցուցակը, ― հարցրեց Հոլմսը։
― Խնդրեմ, սըր։
«Բակերվիլ» ազգանունից հետո մատյանում կար ևս երկու գրանցում․ «Թեոֆիլիուս Ջոնսոն, ընտանյոք հանդերձ, Նյուքասլից» և միսիս Օլդմոռ՝ աղախնի հետ, Էլտոնից»։
― Արդյոք սա այն Ջոնսոնը չէ՞, որին ես մի ժամանակ ճանաչում էի, ― հարցրեց Հոլմսը հերթապահին։ ― Նա փաստաբան է, ալեհեր և փոքր֊ինչ կաղում է։
― Ոչ սըր, միստր Ջոնսոնը ածխահանքերի տեր է, դեռևս ոչ ծեր ջենտլմեն , ձեր տարիքի։
― Համոզվա՞ծ եք, որ նա փաստաբան չէ։
― Համոզված եմ, սըր։ Միստր Ջոնսոնը մեր հաճախակի հյուրն է, առաջին տարին չէ, որ մենք ճանաչում ենք նրան։
― Այո՞։ Դե, չեմ վիճում։ Միսիս Օլդմոռ․․․ Ինչ֊որ տեղ լսել եմ այս ազգանունը։ Ներեցեք հետաքրքրասիրությանս համար, բայց երբեմն այնպես է պատահում, որ փնտրում ես մի ծանոթի, գտնում ես մեկ ուրիշին։
― Միսիս Օլդմոռը վատառողջ կին է, սըր։ Նրա ամուսինը մի ժամանակ եղել է Գլոստերի քաղաքագլուխը։ Քաղաք գալիս, նա իջևանում է միայն մեզ մոտ։
― Շնորհակալ եմ։ Հավանաբար, ես նրան շփոթում եմ մեկ ուրիշ լեդիի հետ․․․ Ուոթսն, ― կիսաձայն շարունակեց Հոլմսը, ― այս հարցերը մեզ օգնեցին պարզել մի շատ կարևոր փաստ՝ մեր բարեկամներով այդքան հետաքրքրվող մարդիկ այստեղ չեն իջևանել։ Նշանակում է, ջանասիրությամբ հետևելով Հենրիի յուրաքանչյուր քայլին, ինչում արդեն համոզվեցինք, նրանք նույնպիսի ջանասիրությամբ խուսափում են երևալ նրա աչքին։ Իսկ սա շատ բան է ասում։
― Ինչի՞ մասին։
― Դե, թեկուզ այն, որ․․․ ― Հելլո՜։ Բարեկամս, ի՞նչ է պատահել։
Մենք բարձրացանք վերին հարթակը ու դեմ առանք սըր Հենրի Բասկերվիլին։ Նա դուրս վազեց սանդուղքի վրա, բարկությունից ամբողջովին կարմիր կտրած, ձեռքին բռնած հին, փոշոտ կոշիկը։ Կատաղությունից լեզուն նույնիսկ փաթ էր ընկնում, և երբ վերջապես կարողացավ խոսել, ապա մեկեն անցավ ամերիկյան ակցենտի, որ առավոտյան չէինք նկատել։
― Ինձ ո՞ւմ տեղն են դնում այստեղ, հիմարի՞, ― գոչեց սըր Հենրին։ ― Թույլ չե՛մ տա կատակել ինձ հետ։ Եթե այդ կոճղի կտորը կոշիկս չգտնի, սկանդալ կսարքեմ։ Ես էլ հումորի զգացում ունեմ, միստր Հոլմս, բայց այս անգամ այստեղի կատակասերները մի փոքր չափն անցել են։
― Դեռ ձեր կորցրա՞ծն եք փնտրում։
― Այո, փնտրում եմ ու մինչև չգտնեմ, չեմ հանգստանա։
― Բայց կարծեմ դուք խոսում էիք բաց դարչնագույն կոշիկի մասին։
― Այո, սըր, իսկ այժմ նույն պատմությունը սևի հետ է։
― Ինչպես, մի՞թե այս անգամ էլ․․․
― Ճիշտ այդպես։ Ես ընդամենը երեք զույգ կոշիկ ունեի՝ նոր, բաց դարչնագույն, հին՝ սև ու լաքե, որոնք այժմ հագիս են։ Երեկ երեկոյան կորավ դարչնագույն կոշիկի թայը, իսկ այսօր տարել են նաև սևը․․․ Դե, գտա՞ք։ Պատասխանեցեք, վերջապես, ի՞նչ եք աչքներդ չռել վրաս։
Հարթակին երևաց հուզված գերմանացի սպասավորը։
― Ոչ, սըր, ես բոլորին հարցրի․ ոչ ոք ոչինչ չգիտի։
― Ուրեմն, լսեք․ կամ դուք մինչև երեկո կգտնեք կոշիկս, կամ ես կգնամ կառավարչի մոտ ու կհայտնեմ, որ անհապաղ հեռանում եմ այստեղից։
― Կոշիկը կգտնվի, սըր․․․ Խոստանում եմ, որ կգտնվի։ Մի րոպե համբերություն, սըր։
― Նկատի ունեցեք՝ սա վերջին անգամն է։ Ես այլևս թույլ չեմ տա, որ ինձ կողոպտեն ձեր գողերի որջում․․․ Միստր Հոլմս, ներեցեք, խնդրեմ, որ ձեզ անհանգստացնում եմ այսպիսի դատարկ բաներով։
― Իսկ այդ դատարկ բաներն արժանի են անհանգստության։
― Դուք արդեն շատ լուրջ եք մոտենում դրանց։
― Իսկ դուք ինքներդ ինչպե՞ս կբացատրեք դա։
― Ես նույնիսկ չեմ փորձում բացատրել։ Երբեք կյանքումս սրանից ավելի անհեթեթ ու ավելի տարօրինակ բան չի պատահել ինձ։
― Ավելի տարօրինա՞կ․․․ Այո, թերևս այդպես է, ― մտախոհ ասաց Հոլմսը։
― Իսկ դուք ի՞նչ կասեք այս մասին։
― Ես, իսկապես, դեռ ոչինչ չեմ հասկանում։ Խիստ խճճված պատմություն է, սըր Հենրի։ Եթե սա կապելու լինենք ձեր հորեղբոր մահվան հետ, ապա դա կլինի, թերևս, ամենաբարդը այն հինգ հարյուր լուրջ գործերից, որ ինձ հաջողվել է բացահայտել։ Բայց իմ ձեռքում կան ուրիշ թելեր, որոնցից մեկնումեկը պետք է որ անպայման մեզ հասցնի հանելուկի լուծմանը։ Մենք կարող ենք ավելորդ ժամանակ կորցնել՝ կառչելով ոչ այն թելից, որ պետք էր, բայց վաղ թե ուշ կգտնենք նաև անհրաժեշտը։
Նախաճաշը խիստ հաճելի անցավ, մենք միայն հարևանցիորեն անդրադարձանք այն հարցերին, որոնք բոլորիս ի մի էին բերել։ Հոլմսը միայն այնժամ հետաքրքրվեց Բասկերվիլի հետագա ծրագրերով, երբ մենք մտանք նրա համարը։
― Ես կգնամ Բասկերվիլ֊հոլլ։
― Ե՞րբ։
― Շաբաթվա վերջում։
― Ձեր որոշումը ես ճիշտ եմ համարում, ― ասաց Հոլմսը։ ― Հիմա արդեն ես ոչ մի կասկած չունեմ, որ Լոնդոնում հետևում են ձեզ։ Բայց այսպիսի մեծ քաղաքում դժվար է պարզել, թե դրանք ինչ մարդիկ են և ինչ են ուզում ձեզանից։ Եթե նրանք գործում են վատ մտադրությամբ, ձեզ այնպիսի վտանգ է սպառնում, որ մենք անզոր կլինենք կանխել․․․ Դոկտոր Մորտիմեր, դուք գիտե՞ք, որ այսօր առավոտյան, երբ դուրս եկաք իմ մոտից, ձեզ հետևում էին։
Դոկտոր Մորտիմերը վեր թռավ տեղից։
― Հետևո՞ւմ էին։ Ովքե՞ր։
― Ահա այդ, դժբախտաբար, չեմ կարող ասել։ Դարթմուրի ձեր հարևանների կամ ծանոթների մեջ կա՞ լայն, սև մորուքով որևէ մեկը։
― Ոչ․․․ Սակայն սպասեք։ Դե իհարկե․․․ Սըր Չարլիի ծառայապետը՝ Բերիմոռը սև, լայնատարած մորուք ունի։
― Հը՜մ․․․ Իսկ հիմա նա որտե՞ղ է։
― Բասկերվիլ֊հոլլում։ Տունը թողնված է նրա հոգածությանը։
― Պետք է ստուգել՝ իսկապե՞ս նա այնտեղ է, թե Լոնդոնում։
― Ինչպե՞ս անել այդ։
― Հեռագրային մի բլանկ տվեք ինձ։ «Պատրա՞ստ եք սըր, Հենրիին ընդունելու»։ Հասցեն․ «Բասկերվիլ֊հոլլ, միստր Բերիմոռին»։ Որտե՞ղ է այնտեղ ձեր մոտակա հեռագրատունը։ Գրիմպենո՞ւմ։ Հինալի՜ է։ Երկրորդ մի հեռագիր կուղարկենք Գրիմպեն, գրասենյակի պետի անունով․ «Խնդրվում է Բեիմոռին հասցեագրված հեռագիրը հանձնել անձամբ իրեն։ Բացակայության դեպքում ետ ուղարկեցեք «Նորթումբերլենդ» հյուրանոց, սըր Հենրի Բասկերվիլին»։ Ահա այսպես։ Երեկոյան կիմանանք՝ արդյոք Բերիմոռը Դևոնշիրո՞ւմ է, թե ոչ։
― Հիանալի է, ― ասաց Բասկերվիլը։ ― Ի դեպ, դոկտոր Մորտիմեր, այդ Բերիմոռն ի՞նչ է ներկայացնում իրենից։
― Նա կալվածքի հանգուցյալ կառավարչի որդին է։ Բերիմոռների արդեն չորրորդ սերունդը, որը ապրում է Բասկերվիլ֊հոլլում։ Որքան գիտեմ, նա և իր կինը լիովին հարգարժան մարդիկ են։
― Բայց և այնպես, ― ասաց սըր Հենրին, ― ինձ համար լիովին պարզ է, որ երբ Բասկերվիլ֊հոլլը մնում է առանց տիրոջ, այդ մարդիկ այնտեղ ապրում են իրենց համար ուրախ֊զվարթ, առանց հոգս ու ցավի։
― Այո, ճշմարիտ է։
― Բերիմոռը սըր Չարլզի կտակով որևէ բան ստացե՞լ է, ― հացրեց Հոլմսը։
― Նրան էլ, կնոջն էլ կտակվել է հինգհարյուրական ֆունտ։
― Հը՜մ․․․ Իսկ նրանք ավելի վաղ գիտեի՞ն այդ մասին։
― Այո։ Սըր Չարլզը սիրում էր խոսել իր որոշումների մասին՝ մահվան պարագայում։
― Հետաքրքիր փաստ է։
― Հուսով եմ, որ դուք չեք սկսի կասկածել բոլոր նրանց, ովքեր կտակով բան են ստացել սըր Չարլզից, ― ասաց դոկտոր Մորտիմերը։ ― Ինձ նույնպես հազար ֆունտ է թողել։
― Ահա թե ի՜նչ։ Իսկ ուրիշ էլ ո՞ւմ։
― Կտակում նշված էին բազմաթիվ մանր գումարներ տարբեր անձանց և խոշոր նվիրատվություններ՝ բարեգործական նպատակներով։ Իսկ ողջ ժառանգությունը մնացել է սըր Հենրիին։
― Իսկ ի՞նչ գումարով է արտահայտվում այն։
― Յոթ հարյուր քառասուն հազար ֆունտ։
Հոլմսը զարմացած վեր բարձրացրեց հոնքերը։
― Ես չէի էլ պատկերացնում, որ խոսքը այդպիսի հսկայական կապիտալի մասին է, ― ասաց նա։
― Սըր Չարլզը համարվում էր հարուստ մարդ, բայց նրա հարստության ճշմարիտ չափերը պարզվեցին միայն այն բանից հետո, երբ մենք ծանոթացանք արժեթղթերի հետ։ Ժառանգության ընդհանուր գումարը հասնում է մեկ միլիոնի։
― Աստվա՜ծ իմ։ Իսկապես, ի սեր նման վիթխարի խաղչեքի արժե համարձակ խաղի մեջ մտնել։ Եվս մի հարց, դոկտոր Մորտիմեր։ Ենթադրենք, թե մեր երիտասարդ բարեկամին մի բան պատահի․․․ Հաճելի վարկած չէ, բայց դուք ինձ ներեցեք։ Այդ դեպքում ո՞վ է ժառանգելու կալվածքը։
― Քանի որ սըր Չարլզի կրտսեր եղբայրը՝ սըր Ռոջերը մահացել է ամուրի, Բասկերվիլ֊հոլլը կանցնի հեռավոր ազգականներին՝ Դեսմոնդներին։ Ջեյմս Դեսմոնդը արդեն երիտասարդ չէ։ Նա հոգևորական է և բնակվում է Վեստմոռլենդում։
― Շնորհակալ եմ ձեզանից։ Բոլոր այս մանրամասները արտակարգ հետաքրքիր են։ Իսկ դուք առիթ ունեցե՞լ եք հանդիպելու Ջեյմս Դեսմոնդին։
― Այո, նա մի անգամ եկավ սըր Չարլզի մոտ։ Նա հույժ հարգարժան արտաքինով ու անբասիր ապրելակերպի մի մարդ է։ Հիշում եմ, որ սըր Չարլզը կամենում էր ապահովել նրան, բայց նա կտրականապես հրաժարվեց, չնայած բոլոր հորդորներին։
― Եվ այդպիսի համեստ մարդը կարող է ժառանգել սըր Չարլզի ողջ կարողությո՞ւնը։
― Նրան կանցներ միայն կալվածքը, քանի որ այն տոհմական է համարվում, իսկ դրամը նա կստանար միայն այն դեպքում, եթե այժմյան տերը չտնօրինի դա որևէ այլ եղանակով, որը լիովին հնարավոր է, քանզի սըր Հենրին ազատ է ժառանգության հետ վարվելու ըստ իր անձնական հայեցողության։
― Իսկ դուք կտակն արդեն կազմե՞լ եք, սըր Հենրի։
Ոչ, միստր Հոլմս, դրա ժամանակը չէր։ Չէ՞ որ ես միայն երեկ եմ իմացել գործերի վիճակի մասին։ Բայց և այնպես, գտնում եմ, որ դրամը չի կարելի անջատել կալվածքից ու տիտղոսից։ Ճիշտ նույնպիսի կարծիքի էր նաև դժբախտ հորեղբայրս։ Մի՞թե Բասկերվիլ֊հոլլի տերը կարող է իր տոհմի անցյալի փառքը վերականգնել, եթե դրա համար միջոցներ չունենա։ Ո՛չ, որտեղ տունն է ու հողը, այնտեղ էլ պիտի լինի դրամը։
― Միանգամայն ճիշտ է։ Եվ այսպես, սըր Հենրի, ես ևս գտնում եմ, որ դուք առանց ձգձգումների պետք է մեկնեք Դեվոնշիր, բայց մի վերապահությամբ․ ոչ մի դեպքում չպետք է մենակ մեկնեք։
― Դոկտոր Մորտիմերը վերադառնում է ինձ հետ։
― Բայց պրակտիկան շատ ժամանակ է խլում դոկտոր Մորտիմերից, և հետո նա ապրելու է Բասկերվիլ֊հոլլից մի քանի մղոնի վրա։ Ոչ, դոկտորը իր ողջ ցանկությամբ հանդերձ ձեզ օգնել չի կարող։ Դուք պետք է ձեզ հետ վերցնեք հավատարիմ այնպիսի մեկին, սըր Հենրի, որը մշտապես ձեզ հետ լինի։
― Միստր Հոլմս, մի՞թե կհամաձայնեք ինքներդ գալ։
― Եթե գործը ճգնաժամային բնույթ ստանա, ես որևէ կերպ կհասնեմ ձեզ, բայց ինքներդ էլ հասկանում եք, որ իմ ծավալուն պրակտիկան ու մշտական հարցումները, որ ամեն կողմից տեղում են գլխիս, թույլ չեն տալիս անորոշ ժամանակով մեկնել Լոնդոնից։ Հիմա, օրինակ, Անգլիայի ամենահարգարժան դեմքերից մեկը գտնվում է շանտաժիստի ձեռքում, և միայն ես կարող եմ կանխել սպառնացող աղետը։ Ո՛չ, ես ոչ մի կերպ չեմ կարող մեկնել Դարթմուր։
― Իսկ ձեր փոխարեն ո՞ւմ խորհուրդ կտայիք։
Հոլմսը ձեռքը դրեց ուսիս։
― Եթե բարեկամս համաձայնի, ապա ահա մի մարդ, որին կարելի է ծանր պահին վստահել։ Ես այդ բանում համոզվել եմ սեփական փորձով։
Այդ առաջարկը ձյան հյուսի պես փլվեց գլխիս, բայց Բասկերվիլն արդեն ջերմորեն թոթվում էր ձեռքս, չսպասելով իմ պատասխանին։
― Որքա՜ն սիրալիր եք, դոկտոր Ուոթսն, ― բացականչեց նա։ ― Դուք հո տեսնում եք, թե ես ինչպիսի դրության մեջ եմ, իսկ գործի հանգամանքները ծանոթ են ձեզ ինձանից ոչ վատ։ Եթե դուք գաք Բասկերվիլ֊հոլլ ու ապրեք ինձ հետ, ես այդ երբեք չեմ մոռանա։
Արկածները միշտ էլ ինձ համար ինչ֊որ հատուկ հմայք են ունեցել, իսկ Հոլմսի խոսքերը և այն աշխուժությունը, որով բարոնետը արձագանքեց նրա առաջարկությանը, անչափ շոյեցին ինքնասիրությունս։
― Ես հաճույքով կգամ Բասկերվիլ֊հոլլ և չեմ ափսոսա ժամանակը, ― պատասխանեցի ես։
― Դուք մանրամասն հաշվետվություններ կուղարկեք ինձ, ― ասաց Հոլմսը։ ― Ամենավտանգավոր պահին, ― իսկ դա անպայման վրա կհասնի, ― ես կղեկավարեմ ձեր գործողությունները։ Կարծում եմ՝ մեկնումը կարելի է նշանակել շաբաթ օրը։
― Դա ձեզ հարմա՞ր է, դոկտոր Ուոթսն։
― Լիովին։
― Ուրեմն, եթե փոփոխություն չլինի, մեկնում ենք շաբաթ օրը տասն անց կեսի գնացքով, Պադինգտոնի կայարաից։
Վեր կացանք, պատրաստվելով հրաժեշտ տալ, երբ հանկարծ սըր Հենրին բացականչեց, հաղթական տեսքով պահարանի տակից դուրս հանելով բաց դարչնագույն կոշիկի թայը։
― Ահա՜ իմ կորուստը։
― Թող մյուս հանելուկներն էլ այսպես հեշտ լուծվեն, ― ասաց Հոլմսը։
― Բայց, այնուամենայնիվ, սա շատ տարօրինակ է, ― նկատեց դոկտոր Մորտիմերը։ ― Ես դեռ նախաճաշից առաջ խուզարկել եմ ամբողջ սենյակը։
― Ես էլ, ― ասաց Բասկերվիլը։ ― Բոլոր անկյունները տակն ու վրա արի, կոշիկը ոչ մի տեղ չկար։
― Ուրեմն, մեր նախաճաշելու ժամանակ միջանցքի սպասավորն է դրել այդտեղ։
Ուղարկեցին գերմանացու ետևից, բայց նա ոչինչ ասել չկարողացավ, հետագա հարցումներն էլ իզուր անցան։ Այդպիսով, արագորեն իրար հաջորդող ու ակնհայտորեն անհեթեթ այդ հանելուկների շարանին ավելացավ ևս մեկը։ Չխոսելով արդեն սըր Չարլզի ողբերգական մահվան մասին, մեր առջև ձգվում էր անբացատրելի դեպքերի ամբողջ մի շղթա, դեպքեր, որոնք կատարվել էին ընդամենը երկու օրվա ընթացքում․ լրագրի կտրտվածքներից կազմված նամակը, կառքի մորուքավոր անծանոթը, սկզբում նոր, դարչնագույն, ապա հին, սև կոշիկների կորուստը և այժմ դարչնագույնի երևան գալը։
Բեյքր֊ստրիտի ճանապարհին Հոլմսը լուռ նստած էր կառքում․ դատելով նրա կիսված հոնքերից ու լարված հայացքից, փորձում էր, ինչպես և ես, ի մի բերել այդ բոլոր տարօրինակ և, ասես, անհարիր փաստերը։ Ամբողջ օրն ու երեկոն նա անցկացրեց իր աշխատասենյակում՝ ընկղմված ծխի խիտ քուլաների ու մտածմունքների մեջ։
Ճաշից առաջ երկու հեռագիր հանձնեցին մեզ։ Առաջինում ասված էր․
«Շրջեցի քսաներեք հյուրանոցներ դժբախտաբար «Թայմսի» կտրտված համար չգտա Քարթրայթ»։
― Ահա և մեկեն երկու թել կտրվեց, Ուոթսն։ Չկա ավելի լավ բան, քան այն գործերը, երբ ասես բոլորը խոսքները մեկ են արել քո դեմ։ Հենց այդ ժամանակ էլ սկսում ես տաքանալ։ Ինչ արած, գնանք երրորդ հետքով։
― Դուք դեռևս պահեստում ունեք նաև կառապանին։
― Միանգամայն ճիշտ է։ Գրանցումների գրասենյակում ես հարցրել եմ նրա ազգանունն ու հասցեն և ամենևին չեմ զարմանա, եթե հենց հիմա այնտեղից պատասխան ստանանք։
Ղողանջող զանգը ազդարարեց այն մասին, ինչը նույնիսկ գերազանցեց Հոլմսի բոլոր սպասելիքները․ աշխատասենյակի դռան մեջ հայտնվեց բարձրահասակ մի տղամարդ, ըստ երևույթին, հենց ինքը կառապանը։
― Գրասենյակում ինձ ասացին, որ էս հասցեով հարցրել են երկու հազար յոթ հարյուր չորս համարի կառքի կառապանին, ― սկսեց նա։ ― Ես արդեն յոթերորդ տարին է, ինչ աշխատում եմ, և մինչև հիմա ոչ մի բողոք չեմ լսել։ Արի, մտածեցի, ինքս գնամ, թող երեսիս ասեն, թե ինչում եմ մեղավոր։
― Դուք ոչ մի բանում մեղավոր չեք, սիրելիս, ― ասաց Հոլմսը։ ― Ընդհակառակը, ես ձեզ կես սովերեն կվճարեմ, միայն ճիշտ պատասխանեցեք իմ հարցին։
― Մարդ էնպես էլ չի իմանում՝ որտեղ կկորցնի, որտեղ կգտնի, ― քմծիծաղեց կառապանը։ ― Սըր, իսկ ի՞նչ եք ուզում։
― Ամենից առաջ ձեր ազգանունն ու հասցեն, եթե նորից հարկավոր կլինեք ինձ։
― Ջոն Քլեյթոն, Բոռոուում, Թարպի֊ստրիտ, համար երեք։ Կառքը կանգնում է Շիպլի֊Յարդում, Վաթերլոոյի կայարանի մոտ։
Շերլոկ Հոլմսը գրեց այդ ամենը։
― Իսկ հիմա, Քլեյթոն, պատմեցեք ձեր ուղևորի մասին, որը այսօր առավոտյան ժամը տասին հսկում էր այս տունը, իսկ հետո Ռիջենտ֊ստրիտով հետևեց երկու ջենտլմենների։
Կառապանը զարմանքով նայեց Հոլմսին և, ըստ երևույթին, մի փոքր վարանեց։
― Ի՞նչ պատմեմ, երբ դուք ինձանից էլ լավ գիտեք, ― պատասխանեց նա։ ― Իմ ուղևորն ասաց, որ ինքը խուզարկու է ու պատվիրեց ճշատախոսել այդ մասին։
― Դե ահա թե ինչ սիրելիս, այստեղ խնդիրը շատ լուրջ է, և եթե սկսեք որևէ բան թաքցնել, ապա կարող եք տհաճ պատմության մեջ ընկնել։ Ուրեմն, նա իրեն խուզարկո՞ւ անվանեց։
― Այո, սըր։
― Իսկ ե՞րբ հայտնեց այդ մասին։
― Երբ վճարում էր։
― Իսկ էլի որևէ բան ասա՞ծ։
― Ասաց իր ազգանունը։
Հոլմսը հաղթական մի հայացք նետեց ինձ վրա։
― Ի՞ր ազգանունը։ Բավական անզգույշ քայլ է նրա կողմից։ Ուրեմն, ի՞նչ էր նրա անունը։
― Նրան կոչում են միստր Շերլոկ Հոլմս, ― ասաց կառապանը։
Կառապանի պատասխանը տառացիորեն շանթահարեց բարեկամիս։ Կյանքումս նրան այդպիսի շփոթված վիճակում չէի տեսել։ Մի երկու րոպե նա չէր կարողանում որևէ բառ արտասանել, ապա բարձրաձայն քրքջաց։
― Հարվա՜ծ, Ուոթսն։ Դիպուկ հարված, ― ասաց նա։ ― Սուսերն այնպիսի հակառակորդի ձեռքում է, որն ինձ չի զիջում ո՛չ արագության, ո՛չ ճշգրտության մեջ։ Այս անգամ նա ինձ մատի վրա խաղացրեց։ Ուրեմն, նրան կոչում են Շերլոկ Հոլմս, այո՞։
― Այո՛, սըր, նա ինձ այդպես ասաց։
― Հոյակա՜պ է։ Հիմա պատմեք, թե այդ ուղևորին որտե՞ղ վերցրեիք և հետո ի՞նչ եղավ։
― Նա ինձ ձեն տվեց առավոտը ինն անց կեսին, Թրաֆալգար պուրակի մոտ։ Ասաց՝ ես խուզարկու եմ և երկու գինեյ խոստացավ, թե որ ճշտորեն կատարեմ հրամանները ու ոչ մի բանի մասին չհարցնեմ։ Դե ինչ, էդպիսի փողից չեն հրաժարվում։ Ես նրան տարա «Նորթումբերլեն» հյուրանոցի մոտ ու կանգնեցի։ Հետո էնտեղից դուրս եկան երկու ջենտլմեն, բորսայից կառք կանչեցին ու եկան էս կողմերը, ձեր փողոցը։
― Ահա հենց այս տան մո՞տ, ― հարցրեց Հոլմսը։
― Կարող է պատահել, էդ արդեն իմ ուղևորից պիտի հարցնել, նա ավելի լավ գիտի։ Նա ինձ պատվիրեց կանգնել մոտավորապես թաղամասի մեջտեղում, ու մենք էնտեղ էլի մոտ մի ժամ ու կես սպասեցինք։ Հետո էն երկու ջենտլմենները անցան մեր մոտով, ու մենք նրանց ետևից շարժվեցինք։ Բեյքր ստրիտով, թեքվեցինք դեպի․․․
― Ես այդ գիտեմ, ― ասաց Հոլմսը։
― Իսկ երբ դուրս եկանք Ռիջենթ֊ստրիտ, նա բարձրացրեց վերևի լուսամուտն ու ձեն տվեց․ «Քշեք Վաթերլոոյի կայարան»։ Ես մտրակեցի իմ զամբիկին, ու տասը րոպեից մենք տեղ հասանք։ Էդտեղ նա տվեց ինձ երկու գինեյ, չխաբեց, ու գնաց դեպի կայարան։ Իսկ վերջում շուռ եկավ ու ասաց․ «Երևի ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ում էիք տանում։ Շերլոկ Հոլմսին»։ Ահա թե էդ բոլորը ոնց եղավ։
― Այդպես, հասկանում եմ։ Եվ այլևս նրան չե՞ք տեսել։
― Չէ, էլ չեմ տեսել։
― Իսկ հիմա նկարագրեք այդ միստր Շերլոկ Հոլմսի արտաքինը։
Կառապանը ծոծրակը քորեց։
― Էդ էնքան էլ հեշտ բան չի։ Նա կլիներ էսպես քառասունի մոտ, միջահասակ, մի քիչ ձեզնից ցածր, սըր։ Մաքուր հագնված, սև, լեն մորուքով, իսկ երեսը գունատ։ Էլ ուրիշ բան չեմ կարող ասել։
― Աչքերն ի՞նչ գույնի էին։
― Այ, էդ մեկը չեմ նկատել։
― Ուրիշ ոչինչ չե՞ք հիշում։
― Չէ, սըր։
― Դե լավ, ահա ձեր կես սովերենը։ Իսկ մյուս կեսը կստանաք, եթե այդ մարդու մասին էլի որևէ բան իմանաք։ Հաջողություն։
― Բարի առողջություն, սըր։ Շնորհակալ եմ։
Ջոն Քլեյթոնը խնդմնդալով դուրս գնաց, իսկ Հոլմսը թոթվեց ուսերն ու հիասթափված ժպիտով դարձավ ինձ․
― Երրորդ թելն էլ չդիմացավ, ― ասաց նա։ ― Այժմ բարի եղեք ամեն ինչ սկսել սկզբից։ Այ քեզ խորամանկ սատանա՜։ Իմացել է մեր տան համարը, իմացել է, որ սըր Հենրի Բասկերվիլը եկել է այստեղ խորհրդի, նկատել է ինձ Ռիջենթ֊ստրիտում, գլխի է ընկել, որ կառքի համարը նշված է և որ կառապանին կփնտրեն֊կգտնեն ու որոշել է ձեռ առնել ինձ։ Լավ հիշեցեք խոսքս, Ուոթսն, այս անգամ մենք գործ ունենք արժանավոր հակառակորդի հետ։ Լոնդոնում ես պարտություն կրեցի։ Հույս ունենանք, որ Դևոնշիրում դուք կորցրածը ետ կբերեք։ Բայց և այնպես ինձ շատ է անհանգստացնում այս բանը։
― Ի՞նչը։
― Ձեր մեկնումը։ Շատ վատ գործ է, Ուոթսն։ Վատ ու վտանգավոր։ Եվ որքան շատ եմ մտածում այդ մասին, այնքան ավելի ու ավելի քիչ է դուր գալիս ինձ։ Ծիծաղեցե՛ք, բարեկամս, ծիծաղեցե՛ք, բայց ես շատ ուրախ կլինեմ, եթե դուք ողջ֊առողջ վերադառնաք Բեյքր֊ստրիտ։
Գլուխ VI Բասկերվիլ֊հոլլ
Սըր Հենրի Բասկերվիլն ու դոկտոր Մորտիմերը իրենց բոլոր գործերն ավարտեցին նշանակված օրը, և մենք, ինչպես պայմանավորված էր, մեկնեցինք Դևոնշիր։ Ուղեկցելով ինձ կայարան՝ Շերլոկ Հոլմսը ամբողջ ճանապարհին ողջերթի ցուցմունքներ ու խորհուրդներ էր տալիս։
Ես ձեզ չեմ ասի, թե ում եմ կասկածում և ինչպիսի ենթադրություններ ունեմ, Ուոթսն, որպեսզի ձեզ մոտ կանխակալ կարծիք չստեղծվի, ― ասաց նա։ Ինձ մանրակրկիտ շարադրված փաստեր են հարկավոր, որոնք ես ինքս կհամադրեմ։
― Ի՞նչն է ձեզ հետաքրքրում, ― հարցրի ես։
― Այն ամենը, ինչ այս կամ այն կերպ առնչվում է այդ գործին, հատկապես երիտասարդ Բասկերվիլի և նրա հարևանների հարաբերությունները, իսկ եթե որևէ նոր բան իմանաք սըր Չարլզի մահվան մասին, ապա դա էլ նշեք։ Վերջին օրերի ընթացքում ես որոշ տեղեկություններ հավաքել եմ, բայց դժբախտաբար, արդյունքներով չեմ կարող պարծենալ։ Ինձ հաջողվեց պարզել միայն մի բան․ մերձավոր ժառանգորդը՝ միստր Ջեյմս Դեսմոնդը, իսկապես, հիանալի մարդ է՝ հույժ պատկառելի տարիքի, այնպես որ սրանք նրա դավերը չեն։ Կարծում եմ, որ մենք հետագայում կարող ենք վստահորեն չզբաղվել նրանով։ Ուրեմն, մնում են միայն այն մարդիկ, որոնք սըր Հենրիի անմիջական շրջապատն են ներկայացնում։
― Իսկ ավելի լավ չի՞ լինի միանգամից ազատվել Բերիմոռներ զույգից։
― Ո՛չ մի դեպքում։ Ավելի կոպիտ սխալ դժվար է թույլ տալ։ Եթե նրանք ոչնչում մեղավոր չեն, դա դաժան անարդարություն կլինի, իսկ եթե մեղավոր են, ապա հետո նրանց չես գտնի։ Ո՛չ, ո՛չ։ Թող այդպես էլ կասկածի տակ մնան։ Հետո, եթե չեմ սխալվում, այնտեղ մի ձիապան կա, երկու ֆերմեր, մեր բարեկամ դոկտոր Մորտիմերը, ըստ երևույթին, անբասիր ազնվության տեր մի մարդ, և նրա կինը, որի մասին մեզ ոչինչ հայտնի չէ։ Չմոռանաք նաև բնախույզ Սթեփլտոնին քրոջ հետ, որը, ինչպես ասում են, հույժ հմայիչ երիտասարդ կին է։ Հետո գալիս են միստր Ֆրեկլենդը Լեֆթեր֊հոլլից՝ նույնպես անծանոթ անձնավորություն է, և երկու֊երեք ուրիշ հարևաններ։ Ահա այն մարդիկ, որոնք պետք է գտնվեն ձեր հսկողության տակ։
― Կջանամ չխայտառակվել։
― Զենք վերցրե՞լ եք։
― Այո՛, կարծում եմ, այն ավելորդ չի լինի։
― Անկասկած։ Ատրճանակը պահեք ձեզ մոտ գիշեր֊ցերեկ՝ և ոչ մի վայրկյան չթուլացնելով զգոնությունը։
Մեր բարեկամներն արդեն հասցրել էին առաջին կարգի տոմսեր ձեռք բերել և կառամատույցում մեզ էին սպասում։
― Ո՛չ, ո՛չ մի նոր բան, ― ասաց դոկտոր Մորտիմերը, պատասխանելով բարեկամիս հարցին։ ― Կարող եմ միայն երդվել, որ վերջին երկու օրը մեզ չեն հետևել։ Մենք ամբողջ ժամանակ հիշում էինք այդ մասին, և մեր ուշադրությունից ոչ ոք չէր կարող վրիպել։
― Հուսով եմ, որ դուք այս օրերին անբաժան էիք։
― Այո, բացառությամբ երեկվանից։ Ինձ մոտ այդպես է ընդունված՝ քաղաք գալուն պես ամբողջ մի օր նվիրել հետաքրքրություններիս, և երեկ ես վիրաբուժական քոլեջի թանգարանում էի։
― Իսկ ես գնացի այգի՝ աչք ածելու զբոսնողներին, ― ասաց Բասկերվիլը։ ― Ամեն ինչ բարեհաջող անցավ։
― Այնուամենայնիվ, դա ձեր կողմից անխոհեմ քայլ է, ― խոժոռվելով ասաց Հոլմսը և գլուխն օրորեց։ Սըր Հենրի, ես ձեզ խնդրում եմ դուրս չգալ առանց ուղեկցորդի, այլապես փորձանքի կգաք։ Ձեր մյուս կոշիկը գտա՞ք։
― Ոչ սըր, այն անհետ կորավ։
― Ահա թե ի՜նչ։ Հետաքրքի՜ր է։ Դե, հաջողություն, ― ավելացրեց նա, երբ գնացքը շարժվեց։ ― Սըր Հենրի, հիշեցեք տարօրինակ ավանդության հրահանգները, որ դոկտոր Մորտիմերը կարդաց մեզ, և զգուշացեք գիշերով դուրս գալ տորֆային ճահիճները, երբ չար ուժերն են տեր ու տնօրինություն անում։
Ես դուրս նայեցի պատուհանից ու հեռվում նկատեցի Հոլմսի բարձր, նիհարավուն կերպարանքը։ Նա անշարժ կանգնած էր կառամատույցում և նայում էր հեռացող գնացքի ետևից։
Մենք շատ արագ էին ընթանում, և ես ինձ շատ լավ էի զգում։ Զննում էի իմ ուղեկիցներին և զվարճանում դոկտոր Մորտիմերի սպանիելով։ Երկու֊երեք ժամից հետո երկաթգծի երկայնքով ձգվող հողը մուգ շագանակագույնից փոխվեց կարմրի, աղյուսն իր տեղը զիջեց գրանիտին, իսկ ցանկապատված փարթամ մարգագետինները, ուր շեկ կովերը պոկոտում էին հյութալի խոտը, վկայում էին այն մասին, որ կլիման այս տեղերում, օդի խոնավությամբ հանդերձ, զգալիորեն ավելի լավ է, քան արևելքում։
Երիտասարդ Բասկերվիլը չէր հեռանում պատուհանից և ուրախ բացականչություններ էր արձակում հարազատ դևոնշիրյան բնանակարների տեսարանից։
― Ո՜ւր ասես, որ չեմ եղել այստեղից հեռանալուց հետո, դոկտոր Ուոթսն, ― ասաց նա։ ― Բայց և այնպես, այս վայրերը ոչ մեկի հետ չեմ համեմատի։
― Ցույց տվեք մեզ այնպիսի դևոնշիրցու, որ չի հիանում իր Դևոնշիրով։
― Այստեղ բանը միայն Դևոնշիրը չէ, այլև մարդիկ, որոնք բնակվում են այնտեղ, ― ասաց դոկտոր Մորտիմերը։ ― Միայն մի հայացքը մեր բարեկամի կլոր գանգին բավական է, որպեսզի հայտնաբերենք նրա կելտական ծագումը՝ իր խանդավառ ու բուռն զգացմունքներով հանդերձ։ Հանգուցյալ սըր Չարլզը գանգի միանգամայն հազվագյուտ կառուցվածք ուներ՝ կիսով չափ գալլական, կիսով չափ՝ իբերիական։ Սըր Հենրի, բայց ախր դուք, կարծեմ, մանկությունից չեք տեսել Բասկերվիլ֊հոլլը։
― Ես այն երբեք չեմ տեսել, որովհետև մենք ապրում էինք մի փոքրիկ քոթեջում, հարավային ծովափին։ Երբ հայրս մեռավ, ես տասներեքի մեջ էի և անմիջապես մեկնեցի Ամերիկայի մեր բարեկամների մոտ։ Այս տեղերը ինձ համար գրեթե նույնքան նոր են, որքան և դոկտոր Ուոթսնի, և ես պարզապես չեմ դիմանում, թե վերջապես ե՞րբ են երևալու տորֆային ճահիճները։
― Ահա թե ի՜նչ։ Այդ դեպքում ձեր ցանկությունը կատարված է, կարող եք հիանալ նրանցով, ասաց դոկտոր Մորտիմերը՝ ցույց տալով պատուհանից դուրս։
Հեռվում, արոտավայրերի կանաչ քառակուսիներից այն կողմ, ասես երազի ֆանտաստիկ տեսիլ, երևաց ատամնավոր գագաթով տրտում, գորշ մի բլուր։ Բասկերվիլը նայում էր շարունակ, և այդ ծարավ հայացքը խոսում էր այն մասին, թե նրա համար որքան շատ բան է նշանակում առաջին ծանոթությունը այն մռայլ երկրամասի հետ, որտեղ իրեն արյունակից մարդիկ իշխում էին այդքան երկար ժամանակ և իրենցից հետո այդքան խոր հետքեր են թողել։ Սպորտային կոստյումով և ակնհայտ ամերիկյան արտասանությամբ այդ երիտասարդը նստել էր կողքիս անհրապույր երկաթուղային վագոնում և, այնուամենայնիվ, նայելով նրա թուխ, արտահայտիչ դեմքին, ես նրա մեջ տեսնում էի այն անսանձ ու տիրական մարդկանց ճշմարիտ շառավղին։ Թավ հոնքերը, նուրբ ռունգերն ու մեծ֊մեծ խաժ աչքերը վկայում էին նրա հպարտության, խիզախության և ուժի մասին։ Եթե անհրապույր տորֆային ճահիճները մեզ դեմ առ դեմ կանգնեցնեն դժվարին ու վտանգավոր խնդրի հետ, ապա հանուն այդպիսի մարդու կարելի է շատ բան անել, որովհետև նա համարձակորեն քեզ հետ կկիսի ամեն մի վտանգ։
Գնացքը կանգ առավ փոքրիկ, խուլ մի կայարանում, և մենք դուրս եկանք վագոնից։ Ցածրիկ, սպիտակ ցանկապատի ետևում կանգնած էր երկու ամրակազմ ձիուկներ լծած կառքը։ Ըստ երևույթին մեր գալուստը այստեղ մեծ իրադարձություն էր, քանի որ թե՛ կայարանի պետը, թե՛ բեռնակիրները շրջապատեցին մեզ՝ առաջարկելով իրենց ծառայությունը։ Դա համակրելի գյուղական բնակավայր էր, բայց, ի զարմանս ինձ, կառամատույցի ելքի մոտ տեսա մուգ համազգեստով երկու զինվորի, որոնք կանգնած էին՝ հենված կարաբիններին և ակնապիշ նայում էին մեզ։ Կառապանը, անճոռնի մի տղա՝ սուր դեմքով, հանեց գլխարկը, ողջունելով սըր Հենրի Բասկերվիլին, և մի քանի րոպե հետո մենք արդեն սլանում էինք լայն սպիտակ ճանապարհով։ Նրա երկու կողմում տարածվում էին արոտավայրերի կանաչ լանջերը, սրածայր տանիքներով տնակները նայում էին խիտ սաղարթի միջից, բայց առջևում, այդ խաղաղ, արևով ողողված վայրերից այն կողմ, երեկոյան երկնքի հորիզոնում սևին տալով, նշմարվում էր չարագուշակ բլուրների սուր գագաթներով ընդհատվող տորֆային ճահիճների մռայլ գիծը։
Կառքը թեքվեց կողքի ճանապարհը, և մենք սկսեցինք վեր բարձրանալ խոր անվահետքերով։ Դրանք բացվել էին հարյուրամյակներ առաջ՝ բարձր թմբերի միջև, որոնց վրա աճել էին մսեղ ձիաձետն ու խոնավ մամուռը։ Բրոնզի փայլ արձակող ձարխոոտերն ու մոշի տերևները պսպղում էին մայր մտնող արևի ճառագայթներից։ Շարունակելով վերելքը, մենք անցանք քարե նեղ կամրջակով։ Աղմկոտ գետակն արագ թռչում էր գորշ գլաքարերի միջով, փրփուր թքելով նրանց երեսին։ Ե՛վ ճանապարհը, և՛ գետակը ոլորվում էին խիտ կաղնիներով ու սոճիներով ծածկված դաշտավայրով։
Ճամփի յուրաքանչյուր ոլորանում Բասկերվիլը հիացական բացականչություններ էր արձակում, հետաքրքրությամբ դիտելով շուրջը և անհամար հարցեր տեղալով մեր գլխին։ Նրա կարծիքով այստեղ ամեն ինչ հրաշալի էր, բայց ես չէի կարողանում ազատվել տխրությունից, որով համակել էին ինձ աշնան պարզորոշ հետքերը կրող արոտավայրերն ու բլրակները։ Դեղին տերևները թափվում էին ցած և, ճախրելով, գորգով ծածկում արահետները։ Մեր կառքի անիվների թխկթխկոցը կամաց֊կամաց մարեց, կորավ փտող խոտերի խիտ շերտում։ «Բնությունը թախծալի ընծաներ է նետում Բասկերվիլ֊հոլլի նոր տիրոջ ոտքերի տակ», ― մտածեցի ես։
― Նայե՜ք, ― հանկարծ բացականչեց դոկտոր Մորտիմերը։ ― Այդ ի՞նչ է։
Մեր առջև բարձրանում էր հավամրգի թփերով ծածկված թեք մի բլրակ՝ ի նշան տորֆային ճահիճների մոտիկության։ Այդ բլրակի գագաթին, ասես պատվանդանին կանգնած ձիու արձան, պարզ գծագրվում էր հրացանը պատրաստ պահած մի հեծյալ։ Նա դիտում էր ճանապարհը, որով մենք գնում էինք։
― Փերկինս, սա ի՞նչ է նշանակում, ― հարցրեց Դոկտոր Մորտիմերը։
Մեր կառապանը նստիքի վրա շրջվեց։
― Պրինսթաունի բանտից բանտարկյալ է փախել, սըր։ Ահա արդեն երրորդ օրն է, ինչ նրան փնտրում են։ Պահակներ են կարգել բոլոր ճանապարհներին, բոլոր կայարաններում, բայց առայժմ ապարդյուն։ Էստեղի ժողովուրդը շատ դժգոհ է դրանից, սըր։
― Ինչո՞ւ։ Չէ որ նրան, ով հետքը ցույց կտա, հինգ ֆունտ պարգև է սպասում։
― Էդ էդպես է, սըր, միայն թե հինգ ֆունտի վրա հույս դնելը զուր է, իսկ որ նա կոկորդդ կկտրի՝ էդ ավելի ստույգ է։ Էդպիսի մարդը ոչ մի բանի առաջ չի կանգնի, էդ հո մանր֊մունր գող չի։
― Իսկ ո՞վ է նա։
― Սելգենը, որը մարդ է սպանել Նոթինգհիլում։
Ես լավ էի հիշում Սելգենի գործը, որովհետև ժամանակին Շերլոկ Հոլմսը զբաղվել էր դրանով՝ հետաքրքրվելով այն դաժանությամբ, որով կատարվել էր սպանությունը, և աննպատակ գազանության կնիքով, որ հատուկ էր այդ հրեշի բոլոր գործողություններին։ Ոճրագործությունն այնքան հրեշավոր էր, որ դատավորների մոտ կասկած առաջացավ Սելգենի առողջ բանականության մասին, ուստի մահապատիժը փոխարինեցին բանտով։
Կառքը բարձրացավ բլրակի վրա, և մեր առջև փռվեցին տորֆային ճահիճների հսկայական տարածությունները՝ տեղ֊տեղ երևացող ժայռաբեկորների դոլմեններով[3] ու քարե սյուներով։ Այնտեղից փչող սառը քամին թափանցեց մինչև մեր ոսկորները։ Այնտեղ, այդ ճահիճների մռայլ հարթության վրա, մարդակերպ սատանան վայրի գազանի պես պառկել էր իր որջում, սրտում փայփայելով ատելությունը մարդկանց հանդեպ, որոնք իրեն վտարել էին իրենց հասարակությունից։ Միայն այդ էր պակասում, որպեսզի խորացվեր այն մռայլությունը, որ թաքնված էր մեր առջև փռված լերկ անապատում, սրընթաց քամու և մթնող երկնքի մեջ։ Նույնիսկ Բասկերվիլը լռեց ու ավելի կիպ փաթաթվեց վերարկուով։
Արգավանդ վայրերը մնացին ետևում և մեզնից ցած։ Ետ նայեցինք՝ մայր մտնող արևի շողերը վազող առվակները վերածել էին ոսկե ժապավենների և վառվում էին հերկած հողի ակոսներում ու խիտ մացառուտներում։ Ճանապարհը, որ հսկայական գլաքարերով կտրում֊անցնում էր կարմրա֊ձիթագույն ոլորանները, դառնում էր ավելի ու ավելի լքված ու անհրապույր։ Ժամանակ առ ժամանակ մեր առջև հայտնվում էին քարե ցանկապատներով քոթեջներ, որոնց ժլատ ուրվագծերը նույնիսկ բաղեղը չէր մեղմացնում։ Իսկ հետո մեր աչքի առջև բացվեց խոր ափսեի նման հարթավայրը՝ դարեր շարունակ այնտեղ փոթորկվող քամուց արմատախիլ արված ու թեքված աղքատիկ կաղնիներով ու սոճիներով։ Ծառերից վեր բարձրանում էին երկու բարձր, նեղ աշտարակներ։ Մեր կառապանը մտրակով ցույց տվեց դրանք։
― Բասկերվիլ հոլլ, ― ասաց նա։
Կալվածքի տերը հասակով մեկ կանգնեց կառքում, այտերը կարմրեցին, աչքերը բռնկվեցին կրակով։ Մի քանի րոպեից մենք մոտեցանք զարդանախշ չուգունե դարպասներին՝ երկու մամռապատ սյուներով, որոնք պսակվում էին վարազների գլուխներով՝ Բասկերվիլների գերբով։ Դռնապանի քարե տնակը խարխուլ էր, մերկացած փայտամածով, բայց նրա առջևում բարձրանում էր մի նոր, դեռևս անավարտ շինություն՝ սըր Չարլզի հարավաֆրիկյան ոսկու առաջին արգասիքը։
Դարպասի ետևում երկշարք ձվում էին հին, բարձր ծառեր․ նրանց ճյուղերը մեր գլխավերևում միահյուսվել էին՝ կիսախավար կամար կապելով։ Անիվների թխկթխկոցը նորից սուզվեց տերևների խշրտոցի մեջ։ Բասկերվիլը ցնցվեց, դիտելով երկար, մութ ծառուղու բացվածքը, որի վերջում երևում էին տան խաբուսիկ ուրվագծերը։
― Դա այստե՞ղ է պատահել, ― կամացուք հարցրեց նա։
― Ո՛չ, ո՛չ, կարմրածառի ծառուղում։ Դա տան մյուս կողմում է։
Երիտասարդ ժառանգը մի մռայլ հայացք գցեց իր շուրջը։
― Ինձ բնավ չի զարմացնում, որ, ապրելով այստեղ, հորեղբայրս շարունակ սպասել է ինչ֊որ աղետի, ― ասաց նա։ ― Այստեղ ով ասես կհամակվի վախով։ Սպասեցեք, կես տարի չանցած ես այստեղ էլեկտրականություն կանցկացնեմ, և դուք չեք ճանաչի այս վայրերը։ Մուտքի մոտ կվառվեն Էդիսոնի ու Սվանի[4] լապտերները՝ յուրաքանչյուրը հազար մոմանոց։
Ծառուղու ետևում բացվեց լայն սիգամարգը։ Շրջանցելով այն, մենք մոտեցանք տանը։ Աղջամուղջի մեջ ես նկատեցի միայն զանգվածեղ ճակատամասը և տեռասը։ Ամեն ինչ պատած էր բաղեղով, որից ազատ էին միայն պատուհանների խոռոչներն ու ձվաձև զինանշանները։ Երկու հինավուրց ատամավոր հրակնատներով աշտարակները վեր էին խոյանում շինության այդ մասի վրա։ Աջից ու ձախից դրանց միանում էին հետագայում կառուցված սև գրանիտե երկու թեևերը։ Բազմաթիվ պատուհաններից աղոտ լույսը ծորում էր, ընկնում սիգամարգի վրա, բարձր ծխնելույզներով սրածայր թեք տանիքին կանգնած էր սև ծխի սյունը։
― Բարի գալուստ, սըր Հենրի։ Բարի եք եկել Բասկերվիլ֊հոլլ։
Բարձրահասակ մի մարդ դուրս եկավ տեռասի ստվերից ու բացեց կառքի դռնակը։ Հոլլի լուսավորված դռնի մեջ երևաց մի կնոջ ուրվանակար։ Նա նույնպես մոտեցավ մեզ ու օգնեց տղամարդուն ճամպրուկները իջեցնելու։
― Սըր Հենրի, դուք չե՞ք առարկի, եթե ես ուղղակի տուն գնամ, ― ասաց դոկտոր Մորտիմերը։ ― Կինս ինձ է սպասում։
― Մնացեք մեզ հետ ճաշելու։
― Ոչ, իսկապես չեմ կարող։ Հավանաբար, շատ էլ գործեր կուտակված կլինեն։ Ես ինքս հաճույքով տունը ցույց կտայի ձեզ, բայց այդ բանը Բերիմոռը ինձանից լավ կանի․ նա հիանալի ուղեցույց է։ Ողջ եղեք։ Եվ հիշեցեք․ երբ էլ պետք լինեմ, գիշեր, թե ցերեկ, չքաշվեք մարդ ուղարկել իմ ետևից։
Անիվների ձայնը կամաց֊կամաց լռեց ծառուղու խորքում, ծանր դուռը փակվեց մեր ետևից։
Հոլլը, որտեղ մենք հայտնվեցինք, շատ գեղեցիկ էր՝ ընդարձակ, բարձր, ժամանակի ընթացքում սևացած կաղնե հաստ գերաններով։ Չուգունե ցանցավոր հինավուրց բուխարիկում ճարճատում ու թշշում էին փայտերը։ Երկար ճամփին արդեն մրսած, ես և սըր Բասկերվիլը ձեռքներս պարզեցինք կրակին։ Հետո սկսեցինք զննել հոլլի կաղնե երեսպատումը, բարձր, նեղ լուսամուտը՝ գունավոր ապակիներով, եղջերուների գլուխներն ու պատերի զինանշանները, որոնք աղոտ նշմարվում էին ջահի ոչ պայծառ լույսի տակ։
― Ես հենց այսպես էլ պատկերացնում էի այս ամենը, ― ասաց սըր Հենրին։ ― Իսկական տոհմական բույն, ճիշտ չէ՞։ Պատկերացրեք միայն, չէ՞ որ իմ նախնիները ապրել են այս տանը հինգ դարերի ընթացքում։ Հենց որ հիշում ես այդ մասին, ակամայից հանդիսավոր տրամադրության մեջ ես ընկնում։
Նրա թուխ դեմքը վառվում էր տղայական հիացմունքով։ Նա կանգնել էր ջահից ընկնող լույսի օղակում, իսկ երկար ստվերներն ընկել էին պատերին և սև վարագույրների պես թանձրացել նրա գլխին։
Բերիմոռը ճամպրուկները տարավ սենյակները և, վերադառնալով, հարգալից խոնարհվեց մեր առջև, ինչպես վայել էր լավ վարժեցված ծառային։ Նա անթերի արտաքին ուներ՝ բարձրահասակ, ներկայանալի, լայնատարած սև մորուքով, որ ընդգծում էր գունատ, բարետես դեմքը։
― Կհրամայեք ճաշը մատուցե՞լ, սըր։
― Իսկ պատրա՞ստ է։
― Մի քանի րոպեից, սըր։ Տաք ջուրը ձեր սենյակներում է։ Ես և կինս երջանիկ կլինենք, սըր Հենրի, սկզբնական շրջանում մնալ այստեղ, բայց երևի նոր կարգերի օրոք ձեզ մեծ հաստիք կպահանջվի։
― Ի՞նչ նոր կարգեր։
― Ուզում եմ ասել, որ սըր Չարլզը մենավոր կյանք էր վարում, և մենք երկուսով լիովին կարողանում էինք սպասարկել նրան, իսկ դուք, սըր, հավանաբար, ավելի ազատ կապրեք, և հարկ կլինի ամեն ինչ կարգավորել նորովի։
― Ուրեմն, դուք և ձեր կինը ուզում եք վերջնահաշի՞վ ստանալ։
― Եթե միայն դա ձեզ որևէ անհանգստություն չի պատճառի։
― Բայց չէ՞որ ձեր նախնիները մի քանի սերունդների ընթացքում ապրել են Բասկերվիլ֊հոլլում։ Ես ամենևին չէի ցանկանա իմ առաջին իսկ քայլերից խզել ընտանեկան հինավուրց կապերը։
Ես ծառայապետի գունատ դեմքին հուզմունքի հետքեր նկատեցի։
― Ինձ ու կնոջս համար դա նույնպես հեշտ չէ, սըր։ Բայց, ճիշտն ասած, մենք շատ կապված էինք սըր Չարլզին և մինչև հիմա ոչ մի կերպ չենք կարողանում ուշքի գալ նրա մահից հետո։ Մեզ համար ծանր է այստեղ մնալը։ Այլևս չենք կարող այնպես զգալ մեզ Բասկերցիլ֊հոլլում, ինչպես առաջ։
― Եվ ի՞նչ եք պատրաստվում անել։
― Ես հուսով եմ, սըր, որ մեզ կհաջողվի որևէ գործ ձեռնարկել։ Չէ որ սըր Չարլզը մեզ չի մոռացել իր առատաձեռնությամբ։ Իսկ այժմ թույլ տվեք ցույց տալ ձեր սենյակները։
Հնամենի հոլլի վերևում ճաղերով շրջափակված վերնասրահն էր, դեպի որը տանում էր երկկողմանի սանդուղքը։ Այդտեղից ամբողջ շենքի երկարությամբ ձգվում էին երկու երկար միջանցքներ, որոնց վրա բացվում էին բոլոր ննջասենյակները։ Իմը Բասկերվիլի հետ նույն թևում է, համարյա դուռը դռան։ Այդ սենյակներն ավելի ժամանակակից էին, քան տան կենտրոնական մասը, իսկ լուսավոր պաստառներն ու բազում վառվող մոմերը անմիջապես մեղմեցին այն ծանր տպավորությունը, որ ստեղծվել էր Բասկերվիլ֊հոլլ գալուն պես։
Սակայն ներքևի հարկում գտնվող ճաշասենյակն ապշեցրեց մեզ իր մռայլ տեսքով։ Դա երկարավուն մի սենյակ էր՝ տնտեսական սեղանի համար փայտամածով, մի աստիճանով բաժանված այն մասից, որտեղ պետք է նստեին ցածր կոչման անձինք։ Հեռավոր ծայրում մենեստրելների դասերն էին։ Մեր գլխավերևում սևին էին տալիս հսկայական գերանները, որոնց ետևում երևում էր ծխապատ առաստաղը։ Շատ հնարավոր է, որ բոցավառ ջահերը, հինավուրց քեֆերի գունեղ ու կատաղի զվարճությունները մեղմել էին այդ սենյակի մռայլությունը, բայց այժմ, երբ այդտեղ լուսամփոփավոր միակ լամպի տակ նստել էինք երկու ջենտլմեն՝ ամբողջովին սևեր հագած, նրանց ձայները հնչում էին խուլ, և տրամադրությունները մի փոքր ընկած էին։ Նախնիների երկար շարանը ամենատարբեր հագուստներով սկսաց Եղիսաբեթ թագուհու դարաշրջանի ազնվատոհմիկից և վերջացրաց ռեգենտության ժամանակների պճնամոլով, պատերից նայում էին մեզ՝ ճնշելով մեզ իրենց լռությամբ։ Սեղանի բոլոր խոսակցությունը կարծես չէր ստացվում, և ես թեթևություն զգացի, երբ, ճաշն ավարտելով, մենք անցանք բիլիարդանոց՝ ծխելու, որը լիովին ժամանակակից մի սենյակ էր։
― Ինչ ասեմ, իրադրությունը այնքան էլ ուրախալի չէ, ― ասաց սըր Հենրին։ ― Իհարկե, այս ամենին կարելի է համակերպվել, բայց ես ինձ հիմա այնքան էլ լավ չեմ զգում։ Զարմանալի չէ, որ հորեղբայրս նյարդայնացել է, մենակ ապրելով այսպիսի տանը։ Դե ինչ, եկեք առանձնանանք։ Գուցե առավոտյան մեզ այստեղ այնքան էլ թախծալի չթվա։
Քնելուց առաջ ես բացեցի վարագույրն ու նայեցի պատուհանից դուրս։ Պատուհանը նայում էր շքամուտքի առջևի սիգամարգին, որից այն կողմ, քամուց օրորվելով, տնքում էին բարձր ծառերը։ Արագասահ ամպերի լուսածերպից երևաց լուսինը։ Նրա սառը փայլի մեջ, ծառերից այն կողմ նշմարվեց ժայռերի անհավասար պատն ու մռայլ ճահիճների երկար շղթան։ Ես ծածկեցի վարագույրը, համոզվելով, որ Բասկերվիլ֊հոլլից ստացած իմ վերջին տպավորությունը ոչնչով չի հակասում առաջինին։
Բայց պարզվեց, որ դա վերջինը չէ։ Չնայած հոգնածությանս, այնուամենայնիվ չկարողացա քնել և, կողքից կողք շուռ գալով, իզուր ջանում էի քնել։ Ինչ֊որ տեղ հեռվում ժամացույցը զարկում էր յուրաքանչյուր տասնհինգ րոպեն մեկ, և այլևս ոչինչ չէր խախտում տանը թագավորող մեռյալ լռությունը։ Եվ հանկարծ խոր կեսգիշերին լսողությանս հասավ պարզորոշ մի ձայն, որի բնույթին կասկածել չէր կարելի։ Դա հեկեկանք էր, խլացած, ջղաձիգ հեծկլտոցները մի կնոջ, որի սիրտը վշտից կտոր֊կտոր էր լինում։ Ես մի փոքր բարձրացա մահճակալից և սկսեցի լարված լսել։ Լացը գալիս էր մոտիկից, տան ներսից։ Ես սպասեցի մի կես ժամ, ամբողջ էությամբ ուշադրություն դարձաց, բայց այլևս ոչինչ չլսեցի, բացի ժամացույցի զարկերից ու պատերին փաթաթված բաղեղի շրշյունից։