Changes
/* Լուսին */
===Լուսին===
Ինչ որ ի սկզբանե ասացինք Արեգակի մասին, ըստ Ս․ գրքի և մարդկանց բական տեսողության՝ անմիջականորեն վերաբերում է նաև Լուսնին, որովհետև ինչպես Աստված Արեգակը կարգեց տվնջյան լուսատու, այնպես և սա կոչվում է գիշերվա լուսատու (Ծննդոց, Ա, 16)։ Սրանց անունները և հիշատակումները սովորական մարդկանց մտքի համար խեղեփ (երկվորյակ) են, իսկ որոշ թերամիտների համար ոչ շատ օտար էր լուսնին արևի քույր անվանելը և նրա պես պաշտամունքի արժանացնելը։ Լուսինը, թեև արեգակի չափ մեծ ու հզոր օգուտ չի տալիս մարդկանց, սակայն շատ առավելություններ էլ ունի անմխիթար մթության մեջ ծովում և ցամաքում մոլորվածներին ճանապարհ ցույց տալով, իր արծաթափայլ դեմքով և շողերով վարճացնելով աչքը ու ավեիլ շատ գրավելով սիրտը, քան արեգակը, որը գրավում է միտքը։ Դարձյալ ավելին է, քան արեգակը, օրերի և ամիսների մանր չափերով, քառամաս աճումով ու նվազումով, ծնունդով և լրումով, նաև ազդելով կյանքի ներքին տնտեսության (առողջության), մանավանդ կանանց առողջության փոփոխության վրա<ref>Մեր հին տոմարագիրներից մեկը, Լուսնի քառորդներն էլ կիսելով, ութ բաժին է անում «Նախամահիկ․ Զկնի Մահկի վեց․ Երկրորդ կտուր յեռ․ Կորընթի յեռ․ Մաշումն ի նոյն զիջական․ Բովանդակ Լուսին․ Լիալուսին․ Նախերկակտուր [Կոր]ընթի յեռ»։</ref>։ Եվ ծանոթ ախտի սովորական անունը, թեև ոչ նույնքան ստույգ, եղել է <i>լուսնոտություն</i>, որով բռնվողը կոչվում է <i>լուսնահար, լուսանժետ</i>, որպիսիներին ոչ դեղով, այլ խոսքով և հրամանով բժշկեց մեր ամենաբույժ և ամենաողորմած Տեր Հիսուսը։ Այդ հիվանդությունը օտար լեզուներով ևս սովորաբար այդպես է կոչվում (Lunatique)։ Իբր լուսնի պատճառած ուղեղի նվազության մեկ այլ ախտակիր է թվում լուսնագանչը։ Լուսինը իր հանդարտ ազդեցությունն է թողնում նաև բույսերի վրա, ինչը առիթ է դարձել վերջիններիս մի մասը նրան ընծայելու կամ նրա անունով կոչելու, ինչպես մեր լուսնի թուփը (<i>ղուլփի ղամար</i> կամ <i>ղուլ բաղամբար</i>՝ ըստ արաբների, իսկ արևմտյանների մոտ սովորաբար Zedoire), որի «տերեւն՝ զհետ Լուսնին ընթանայ [և ըստ աւուրց Լուսնի] տերեւ ստանայ, և ոստն կերպիւ հնգետասանօրեայ Լուսնին [լինի]», ինչպես գրում են մեր աղթարքները և բժշկարանները։ Լուսնի թուփը լուսնին ընծայելու կամ նրա հետ որևէ կերպ կապելու պատճառը, թվում է, լուսնի չորս կերպարանքների համեմատ թփի չորս գույն ունենալը կամ գույնը փոխելն է։ Նույնը չէ, բայց սրան նման է լուսնի ծաղիկը, որ արաբները պարզապես կոչել են <i>լուսին (ղամեր)</i>։ Այս ծաղիկի մասին բժշկարանները ասում են․ «Տերեւն կարմիր յորդան գունով [լինի], և ի վերայ գլխուն՝ դեղնագոյն ծաղիկ, և տերեւք նորա զհետ լուսնի ընթանան․ զի առաջին օրն լուսնի՝ մէկ տերեւ ստանայ, և երբ լուսինն փլէ (վերջին քառորդ ― Ղ․Ա․) նորա տերեւքն թափին, և զիր ծաղիկն ի վրայ գլխուն պահէ․ և հանապազ այդ է իւր բնութիւնն․ ի նոր սկսանելն տերեւն արձակէ, և ի բուսանելն՝ մին մին թափի»։
Վերոհիշյալը, լուսնի <i>թուփ</i>֊ից զատ, ըստ արաբների, կոչվել է նաև <i>լուսնի քար (հաճար ըլ ղամեր)</i> և, թվում է, տարբեր է լուսքարից, որովհետև սա ոչ թե լուսնի, այլ լույսի անուոնվ է, և ըստ այսմ՝ արաբներն անվանում են <i>հաճար էն֊նուր</i><ref>Արեգակի նյութնու կերպարանքը նկարագրողը (էջ 52) գրում է նաև լուսնի մասին, «Ի հինգ մասնէ ստեղծաւ, երեքն լոյս է, մինն հուր, միւսն՝ գնացողութիւն ի բանէն Աստուծոյ․․․― Քանի՞ նիւթ է ամանակի Լուսնին որ կայ բաղազանեալ․ Օդ է ամպաձեւ, լուսակերպ, թանձրամած, և ի նմա պատուհանք 12 երկբացիկք, որոնց վեցն յերկինս հային և վեցն յերկիրս։ ― Զի՞նչ կերպարանք են Լուսնին․ ― են ի նմա եբրեւ երկու գոմէշա ծովայինք․ ընդ միոյն բերանն մտանէ լոյսն և ընդ միոյն պակասի, քանզի լոյսն Լուսնի յարեգականէ ծագի» և այլն։</ref>։
[[Պատկեր:Փառնակ․_լուսնի_դիրք.png|left|Նկ.1Փառնակ․ Լուսնի դիրք։]]
=Ծանոթագրություններ=
<references/>