«Սև ցելերի սերմնացանը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Սև ցելերի սերմնացանը |հեղինակ =Ակսել Բակունց |թարգմանիչ = |աղբյուր = http://histor...»:)
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 19:00, 27 Ապրիլի 2014-ի դրությամբ

Սև ցելերի սերմնացանը

հեղինակ՝ Ակսել Բակունց
աղբյուր՝ http://historyarmenia.org/


1

Ես հարցնում եմ Ավագին. — Մնո՞ւմ է այն վարագույրը… — Մնում է։ — Իսկ մա՞յրը… — Մայրը դեռ հավատում է։ Հետո բարձրանում է մի այլ վարագույր և երևում են արևի շողերով ողողված Արաքսի տափարակը, առափնյա դեղնած եղեգները, որոնք հազիվ օրորվում են գետի զովից։

Ավագի հետ հասնում ենք հնձած արտերի սահմանին և նստում միայնակ չինարու տակ։ Ընկերս սրբում է քրտնած ճակատը և արևից այրված ալքերը դարձնում մութ սաղարթի կողմը։ Ճյուղերի վրա նստել են գեր սարյակներ և դաշտային գորշ ճնճղուկներ։ Նրանք անհանգստանում են և թվում է, թե հարցնում են իրար, թե ի՞նչ մարդիկ ենք, հրացան չկա՞ մեր ձեռքին, կամ քար չե՞նք առնի։ Ապա հանդարտվում են, որովհետև ծեր սարյակը հանդիմանում է նրանց անտեղի հուզմունքի համար։ Այնուամենայնիվ թռչունները բարձրանում են վերևի ճյուղերի վրա։ Նրանք կորչում են տերևների արանքում և չի դադարում թռչնային անհանգիստ զրույցը։

Շոգից և հոգնածությունից ծանրանում են իմ կոպերը և երբ փակում եմ աչքերս, լսում եմ հազարավոր գերանդիների խշշոց, նույնիսկ հասկերի վայր ընկնելը։ Հետո սաստկանում է այդ խշշոցը, զով է լինում և լսում եմ բազմաթիվ նիզակների իրար զարկվելը։ Աղմկում են եղեգները… Երևի գետի հունով լեռներից իջնում է սառը հոսանքը։

Ապա մեկնվում եմ Ավագի կողքին և աղմկող եղեգների արանքից նայում Արարատին։ Երևում են լեռան մուգ կապույտ ստվերները, վրան ձյունի նման սպիտակ ամպ։ Երբ օրորվում է եղեգը, օրորվում է և լեռան կապույտ ստվերը, հազիվ նշմարելի դողում է գագաթի սպիտակ ձյունը, որ ցուրտ ցոլք է տալիս շիկացած օդում։

Ու լիաթոք շնչում եմ զովը, որ իջնում է լեռան բարձր գագաթից, ամպի նման սպիտակ ձյուներից և այն կապույտ, ինձ համար հավիտյան անհասանելի ամպերից…

Գետնի կավն արևից ճաքել է։ Խոր ճեղքերից բարձրանում է խանձված հողի բույր։ Մի սարդ հյուսել է ոստայնը ճեղքի վրա, ծղնոտի ծայրր մոտեցնում եմ ոստայնին և հողի մթին խորքից դուրս է վազում քաղցած գազանը՝ բրդոտ մի սարդ և ամեհի արագությամբ պտույտ է անում ոսկեգույն թելերի վրա, անհամբեր փնտրելով որսը։

Ծղնոտների արանքում մի սև բզեզ գլորում է աղբի գունդը։ Ահա նա, աղբակեր սկարաբեյը, այն բզեզը, որին եգիպտացիք անվանում էին սրբազան, որովհետև հավատում էին, թե նա գլորում է երկրագունդը, ինչպես այս կլոր աղբը։ Մի րոպե նա սևին է տալիս ծղնոտների մեջ, ապա աղբագունդի հետ գլորվում հողի ճեղքը։

Ես մատնեքով տրորում եմ կավը, ամենահին նյութը, որ կա այս տափարակում։ Քանի՜ ոտքեր, քանի՜ սմբակներ և անիվներ անցել են այս կավի վրայով, ինչքա՜ն է ծեծել ձյունը, և հողմը, և՛ արևը, և՛ անձրևը։

Անմռունչ, հավիտյան համր կավ…

Ահա հեռվում երևում են այգիների գորշ պարիսպները և տների պատերը՝ կառուցված նույն հին կավից։ Արևը խանձել է, քամին և անձրևը պոկել են պարիսպների կատարները, մի տեղ փոս արել, մի ուրիշ տեղ թողել սրածայր։

Նստել են կավե հին պատերն այս ընդարձակ դաշտում, ինչպես չոքած ուղտեր։ Նրանցից մեկը ցցել է վիզը, մյուսի միայն սապատն է երևում, երրորդը չոքել է առաջին ոտքերի վրա, կարծես հիմա պիտի իջեցնի և հետին ոտքերը։

Գնա մինչև հին Բաբելոն, էլամների աշխարհը, մինչև Աղի լիճը և Միջագետքի խանձված դաշտերը, ամեն տեղ կտեսնես այս բիբլիական կավը, մահարձանի պես մի չինար և սրբազան բզեզներ։

Իսկ այս դաշտում ինչքան արագ են մահանում պարիսպները, երկաթե անիվները տրորում են բրդոտ սարդերին և արգավանդ կավը ուռճանում է նոր սերմերով։

— Վե՛ր կաց, Ավագ, զովն ընկավ…


Նրան անվանում էին Սեթ, և որովհետև հայրը վաղուց էր մեռել, կոչում էին մոր՝ Երանուհու անունով՝ Երանի տղա Սեթ և կամ՝ Երանի Սեթ։

Կարճ էր հասակը, թե բարձր, թավ էր ձայնը, թե բարակ, և գիտե՞ր նա սրինգ նվազել, սիրե՞լ էր նա մի աղջկա և հենց այդ չինարու տակ մեզ նման հանգստացե՞լ էր նա, երբ վերադառնում էր Արաքսի ափերի արտերից,— այդ բոլորն ինձ չավանդեց իմ ընկեր Ավագը, կամ գուցե և պատմեց, սակայն իմ հիշողության մեջ ժամանակը խունացրեց այդ պատմության պայծառ գույները։ Եվ հիմա, երբ գրում եմ նրա մասին, որին չեմ տեսել, ես իմ ընկերոջ պատմածից հիշում եմ այն, որ Երանի Սեթը գյուղի ամենալավ սերմնացանն էր։

Այս կողմերում Արաքսը գարնանը ելնում է իր ափերից, վարար ջրերը տիղմ են փռում լայն տափարակի վրա և առափնյա եղեգնուտները դառնում են կանաչ կղզիներ։ Սերմնացանը ցանում է սերմը, երբ ետ են գնում ջրերը, և գետնին նստում է թաց տիղմը։ Նա հանում է ոտքերը, մինչև ծնկները վեր քաշում և փայտյա կոտը պարանոցից կախ գնում է օրոր և հավասար քայլերով։ Գնում է և աջ ձեռքով լիաբուռն վերցնում ծանր հատիկները, որ մի վայրկյան շողում են արևի տակ, ինչպես ճնճղուկների երամը, և ծանրությամբ ընկնում հողի մեջ։

Ահա այդպիսի սերմնացան էր Սեթը, հողի մշակ։ Ուներ մի մայր, մի հին տնակ, երկու բարդի, որի կատարին ամեն տարի ծանոթ արագիլը նորոգում էր բույնը և պառավ Երանի համար բերում գարնան խնդություն, ինչպես մյուս արագիլները՝ գյուղի մնացած տների համար։

Երբ արագիլը տղմուտ հողերում այլևս գորտ չէր բռնում, ուրեմն ետ էին գնացել Արաքսի ջրերը և ժամանակն էր, որ Սեթը կախեր կոտը, սերմ ցաներ, իսկ մայրը ելներ փորելու բակի մարգերը, որոնց կեսը փչացնում էին հարևանի հավերը, իսկ սոխի մարգում պառկում էր իր՝ Երանի կատուն։

…Այս ամենապարզ պատմությունն է, ամենից հասկանալին։ Գյուղը դաշնակների թիկունքում, գյուղում գաղտնի պատրաստություններ ապստամբության, երբ հարավից արշավեր կարմիր հեծելազորը։ Ահի գիշերներ, բռնություն, վախ, կողոպուտ։ Գիշերներ, երբ դեպի դիրքերն էին քշում սովահար մի բազմություն, երբ դիրքերից ետ էին փախչում նրանք, որոնք ուզում էին քրտինք թափել հողի վրա, արտերը ջրել և ունենալ խաղաղություն իրենց խեղճ խրճիթներում։

Երբ գյուղում հարավից լսեցին թնդանոթի առաջին որոտը, և նահանջող թշնամին ետ դարձրեց ձիերի գլուխը, թշնամու թիկունքում պայթեց ապստամբությունը, որպես արձագանք այն առաջին որոտի, որ խրճիթներին ավետեց ազատություն դաշնակցական գերությունից։

Արև էր, էլի արագիլներ կային և յուղոտ փայլով արևի տակ շողում էր արգավանդ տիղմը։ Հանկարծ գնդակների տարափ տեղաց և եղեգնուտների կողմը, որտեղ սպիտակ ձիավորների դեմ ամրացել էին մի խումբ ապստամբ գյուղացիներ։

Սեթը չոքեց այն չինարու հետևը, և որոտաց նրա հրացանը։ Արշավող ձիավորների վախեցած երամը շաղ եկավ, ապա նորից գունդ կազմեցին և թաց հողերի վրայով ձիերը քշեցին դեպի միայնակ ծառը, որ սև ստվերը նետել էր ամայի դաշտում։

Երեկոյան կարմիր հեծելազորը գյուղը մտավ։

Միայն մյուս առավոտ, երբ եկան և ծանոթ թնդանոթները, դաշտի բարակ արահետով, եղեգնյա պատգարակի վրա ընկերները տուն բերին սպանված սերմնացանի մարմինը։ Նրա սրունքները մերկ էին, մի կողքի վրա չորացած տիղմ էր և խառնված արյուն։ Երևում էր միայն սառած աչքը, որ նայում էր անշարժ, ինչպես գորշ ամպը՝ անհունի խորքից…

Նա արնաքամ սողացել էր թաց հողերի վրայով դեպի եղեգները, դեպի ջուրը, կոշտ մատներով չանգռել էր գետինը, ցեխոտել էր մատները և անզգայության մեջ ցեխոտ մատներով սեղմել էր թրատված ուսը։ Հետո երեսնիվայր թաղվել էր սառը հողում՝ որպես ոսկեհատ սերմ։

Ես նայում էի մի ցածր դռնակի, որի հետևը ո՛չ ձայն կար, ո՛չ շարժում։ Արևմուտին այնքան բարձր էին երևում բակի երկու բարդիները։

— Երան հորաքույրը ո՛չ տղայի դիակը տեսավ, ոչ թաղումը։ Երբ նրան հայտնում են, որ ահա բերում են, նա ճչով դուրս է վազում, բայց մինչև շեմքը չի հասնում… Չորս օր մնում է ուշաթափ։ Ասում էին, որ կմեռնի…

2

Լեռնային գյուղերում այս շենքը կնմանվեր հին մարագի։ Կտուրին կլիներ կլոր անցք, և տափակ մղաններով բարձր կալից հարդի տաք շեղջերը ալիք-ալիք կմղանեին ներս։ Հետո անցքը կփակեին չոր ցախով և մի անտիրական շուն կձմեռեր հարդի վրա, մարտի վերջին շունը կցնկներ վեց ապօրինի լակոտ, որ հղիացել էր ցուրտ աշնանը, ցանկապատի տակ։

Այդպես կլիներ լեռնային գյուղերում։

Այս շենքը եղել է հարթավայրի գյուղի եկեղեցին։ Հանել են վարագույրը, սրբերի պատկերները։ Դարբինը տարել է մկրտության քարե ավազանը, և այժմ կարմրած խոփերը նետում է ավազանի պղտոր ջրի մեջ։ Մնացել են քարե երեք աստիճանները, որով իջնում են գետնափոր ակումբը, երկու պղնձյա աշտարակները, որոնցից կախում են նավթի՝ լամպեր, մնացել է եղեգնյա կտուրը և ջահերի նման կախված եղեգները, որ ճոճվում են, երբ բացվում է դուռը։ Ակումբի եղեգնյա կտուրի տակ ապրում են հին աղավնիները և երբ դուրսը բուք է լինում, նրանք ծվարում են մխից մգլած նիշերում, այնտեղ, ուր պահում էին արծաթյա անոթները։

Նոր նկարներ են զարդարում սպիտակ պատերը և հին կամարների տակ հնչում են նոր խոսքեր։ Այդ գետնահարկ շենքում աղմկում են երիտասարդ սերնդի զվարթաձայն զրույցները։

Դռան գլխին, քարի վրա, առաջին տարին քանդակեցին մի մուրճ և մի մանգաղ, ներքևը՝ անպաճույճ գրերով գրեցին «Կեցցե»։ Այդ անզարդ քանդակից այժմ ցոլում է առաջին հավատացողների սրբազան պարզությունը, այն անկրկնելի հմայքը, որ ունի սկզբնական օրերի անվարժ ոճը, երբ նոր մարդը հին թանձր խավարից թռչում է դեպի նոր արշալույս, և առաջին հետքերն է դրոշմում քարերի վրա, թղթերի վրա և պայծառ խնդությամբ սկսում է իր նոր էջը:

Առաջին դրոշները դառնում են սրբություն, հերոսներն անմահանում են և գալիս են նորոգ գուսաններ՝ նրանց և այն հերոսական օրերի մեծարման երգերով։

Եվ ահա նոյեմբերյան տոներին եղեգնյա կտուրով այդ ակումբում եղավ մի սովորական դեպք։

Վառել էին բոլոր ճրագները և կամարների տակ դեռ մութ էր։ Նույնիսկ թվում էր, թե ճրագների լույսից ավելի էր թանձրանում խավարը։ Լուսավոր էր բեմը, և բեմի լույսը հազիվ էր հասնում առաջին շարքերին, որտեղ փայտյա ցածր նստարանների վրա իրար էին սեղմվել կանուխ եկած հանդիսականները։

Դռնակն անդադար բացվում էր, նոյեմբերյան քամին ներս էր փչում, օրորվում էին եղեգները և ճրագների լույսը դողում էր։ Մարդիկ, որոնք ներս էին մտնում այդ դռնակով, իջնում էին քարե երեք աստիճաններով, նրանք կորչում էին մութի մեջ, երևում էին ծխախոտի կրակները, ինչպես գիշերային լուսավոր բզեզներ։ Հետո առաջանում էին դեպի լույսը։

Աղջիկները զարդարում էին բեմը։ Ի՞նչ կարող է լինել դաշտերում, նոյեմբերյան օրերին… Դեղնավուն փշատերև թուփեր, դեռ կանաչ մասրենու ճյուղեր և դաշտային արցանգեզներ, որոնք ծաղկում են ցրտերի հետ և միայնակ վայելում աշնան արևը։ Աղջիկները դեղնավուն փշատերև թփերից, մասրենու կանաչ ճյուղերից և աշնան դաշտի ծաղիկներից հյուսել էին մանյակներ ու պսակներ, բամբակի բացված կնգուղները հագցրել էին պսակներին և այդ ամենը նկարների կարմիր երիզների հետ հյուսած՝ կախել պատերից։

Անկյունում դրոշներն էին, որոնք հսկում էին կանգնած մի պարզ, արդեն կարմիրը մաշված դրոշակի, որի վրա նույն անպաճույճ մուրճն էր ու մանգաղը, ինչպես քանդակել էին դռան ճակատին։ Այդ ապստամբության առաջին դրոշակն էր, որ պարզեց գյուղը, երբ հարավից որոտաց ազատության առաջին թնդանոթը։

Դուռը բաց էին անում, ներս էր մտնում նոյեմբերյան քամին, օրորվում էին եղեգները, նվազում և ապա բռնկվում էր ճրագների լույսը և ծփում էին դրոշակները։ Ինչպես հին զինվոր, որ խանձվել է ահեղ մարտերում, ապստամբության խունացած դրոշակը կարծես մեղմ շշունջով ավանդում էր ոսկեզօծ նորերին այն պայծառ օրերի դաժան պարզությունը, երբ իրեն բարձրացրին հողի մշակները, որպես փրկության փարոս և ապստամբության նշան, ինքը փողփողաց խրճիթների վրա, լսեց գնդակների մետաղաձայն աղմուկը, տեսավ առաջին զոհերի արյունոտ մարմինները, և երբ պղնձե փողերը հնչեցին թաղման նվագը, խոնարհվեց նրանց գերեզմանների վրա։

Բեմի մարդկանց հետաքրքրության առարկան այն նոր վարագույրն էր, որ քաղաքից նվեր էին բերել երկու երիտասարդ բանվոր։ Նրանք վերևից ամրացրել էին վարագույրը, մնում էր, որ ձգեին պարանը և վարագույրը ծալվեծալ իջներ։ Սակայն այդ հանդիսավոր րոպեն թողել էին վերջը, երբ կհավաքվեին բոլորը և իրենք՝ քաղաքից եկած երիտասարդները, խոսք կառնեին ողջույնի և կասեին իրենց ա՛յդ, ինչպես և մյուս նվերների մասին։

Դռնակը նորից բացվեց, մեկը լուցկի վառեց քարե աստիճանները լուսավորելու և մի ամբողջ խումբ իրար հետևից ներս մտան։ Լսվում էր ծանր կոշիկների դոփյուն. ապա նրանք դուրս եկան մթնից և հանդիսականները նրանց մեջ տեսան մի անծանոթ մարդու, որ հասարակ շինել էր հագել և ձմեռային գլխարկ։ Նա խարխափելով էր գալիս, որովհետև ներսի տաքից գոլորշի էր նստել ակնոցի հաստ ապակիներին։

Մյուսների հետ այդ մարդը բարձրացավ բեմը և նրանք, որոնք զրուցում էին կամարների տակ, առաջ եկան ու խիտ նստեցին, այնպես որ վերջի շարքերը հազիվ էին նշմարվում։ Նա սրբեց ակնոցը և հետաքրքրությամբ նայեց շուրջը։ Աղավնիները լուսավոր բեմից և այդքան մարդկանց աղմուկից անհանգիստ թպրտացին կտուրի տակ, մի քանիսը ճախրեցին լույսերի և մարդկանց վրա, ապա կորան մութի մեջ։

Մարդը ժպտա՞ց աղավնիների թպրտոցի վրա, թե՞ ջերմություն զգաց և հստակ ձայնով սկսեց իր պարզ զրույցը։

Լսե՞լ եք դուք այն արթուն խոսքը, որ հոսում է, ինչպես իմաստուն զրույցը, երբ առաջին վայրկյանից խոսողն իրեն է բևեռում բոլորի ուշադրությունը, երբ չկա ինքը՝ խոսողը, իսկ նրա ճշմարիտ մտքերը մուրճի նման հարվածում են և բախում խոր դռներ, երբ խոսքի մեջ կա անխորտակելի ճշմարտություն, որ հարթում է իր ճանապարհը ուրիշների սրտում և ուղեղների մեջ, երբեմն փայլում բարձր մտքերով և երբեմն զարմացնում իրերի ու մարդկանց ճշգրիտ ճանաչողությամբ։

Նա խոսում էր այնպես, կարծես պատմում էր միայն մեկին, այն սրտագին մտերմությամբ, որ ունի պատմողը լսողի հանդեպ։ Նա պատմում էր այն չարքաշ օրերի մասին, որ անդարձ անցել են, խաբեբայության, սուտի, շահագործման, հոգևոր այլասերման, ծեծի և բռնությունների այն ժամանակների, երբ սով կար և՛ սուր, և բանտ, և՛ կեղեքում։ Երբ պատմում էր այդ ժամանակներից, շատերը վերհիշում էին պատկերներ, որոնք անջնջելի դրոշմ էին դրել նրանց հիշողության մեջ։ Ով քաղց էր հիշում, ով որդուն՝ որ անվերադարձ գնաց պատերազմ, ով հիշում էր իր դառն ապրուստը, երբ բախում էր ունևոր դուռը և ում մեջքի վրա խարազանի հետքերը ցավում էին, որպես հին վերք։

Հետո նա դարձավ ապստամբության օրերին, իբրև՝ միակ ելք, իբրև հոյակապ թռիչք դեպի ազատությունը, որպես միակ ճանապարհ, որ մարդուն հանեց լուսավոր ափը։ Նա հիշատակեց ստեղծագործ աշխատանքը, երբ անապատները հագենում էին ջրից և ուրախանում է մարդն իր ոռոգած դաշտերով, երբ ծուխ է բարձրանում գործարանների ծխնելույզներից, և հերոսը դժվար աշխատանքով հալում ու կոփում է իր կամքը, որպես ամրակուռ պողպատ։

Նա անսպասելի վերջացրեց… Բոլորովին հանգիստ, առանց ձայնը բարձրացնելու։ Մի վայրկյան լուռ մնացին, հետո բարձրացավ ծափերի աղմուկը։ Կարծես հազար-հազար աղավնիներ թպրտացին ու թափով ճախրեցին։

Հնչեց երգը, եղավ նվագ, ապա նոր ողջույններ, դարձյալ զվարթ երգ, դուրս եկավ այն երիտասարդ բանվորը և խոսեց հախուռն ավյունով։ Նա թվեց նվերները և այդ վայրկյանին ծանրությամբ իջավ նոր վարագույրը, որ բերել էին նրանք գյուղական ակումբի համար։

Զարմանքի ալիքը գնաց մինչև վերջին շարքերը։

Վարագույրի վրա ամբողջ հասակով նկարված էր մի վիթխարի սերմնացան, փայտե կոտը պարանոցից կախ, մինչև սրունքները բաց ոտքերով։ Լույսի տակ շողում էին այն ոսկեգույն հատիկները, որ աջ ձեռքով նա շաղ էր տալիս արգավանդ ցելերի վրա։

— Երանի Սեթն է…

— Իսկը Սեթը…

— Աչքերը, աչքերը…

— Էս մեր հողերն են… Ա՜յ էն ղամիշները, էն մեր լեռը…

Գիտե՞ր այդ անհայտ նկարիչը Երանի Սեթին և այս գյուղը, նրանց հողերը, դժվար է ասել։ Գուցե նրա համարձակ երևակայությունը ազատ ճախրել և երկնել էր այդ պատկերը, որպես ամենից հարմարը գյուղական բեմի համար։

Առաջին տպավորությունը մնաց անջնջելի։

Թեթև ծփում էր վարագույրը, սերմնացանը ծալվում էր և ներքևից այնպես էր թվում, կարծես քայլում է սերմնացանը, և գետի զովից օրորվում է եղեգնուտը։ Իսկ խորքում՝ կապույտ մշուշի մեջ, հազիվ նշմարելի երևում է զույգ Արարատը, ինչպես նոյեմբերյան պարզ գիշերներին երևում է գյուղի կտուրներից։

Երկու կին, որոնց ազգական էր պառավ Երանը և նրա նահատակ որդին, ջերմ հավատով ընդունեցին ամբողջ կարծիքը, որ իրոք, վարագույրի վրա Երանի Սեթն է։ Նրանցից մեկը վեր կացավ և փոքրիկ ձեռքը մոտեցրեց սերմնացանի բոբիկ ոտքերին։ Կարծես իր ձեռքի ջերմությունն ուզում էր հաղորդել անկենդան պատկերին, իբր ջինջ սիրո նշան։ Մյուսը և մի ուրիշ կին մեղմ հառաչեցին ու լաց եղան մեռած սերմնացանի համար։

Այդ գիշեր արցունքը սրբագործեց մի ոսկի առասպել։

Քանի նոյեմբեր անցավ…

Ու դեռ մնում է այն հողաշեն ակումբը, եղեգնյա կտուրով, և ծփում է վարագույրը, և բոց աչքերով մի սերմնացան սև հողերի վրա առատությամբ շաղ է տալիս ոսկի հատիկները։

Գալիս է արդեն խուլ մի պառավ, եղեգնյա ավելը ձեռքին։ Սրբում է հատակը, զայրանում է աղավնիների վրա, երբ նրանք նստում են պղնձյա աշտարակների վրա, որ դրված են վարագույրի երկու կողմը։ Նա ավլում է ակումբի բակը, ապա նորից ներս է մտնում և մաքուր ձեռքով սրբում վարագույրի փոշին։

Երբ ոչ ոք չի լինում ներսը, պառավ Երանը հանդարտ զրուցում է որդու պատկերի հետ։

Հետո մայրը համբուրում է որդու անկենդան ոտքերը։

Փողոցի անկյունում ինձ հանդիսլում է իմ ընկեր Ավագը: Ես հարցնում եմ նրան.

— Մնո՞ւմ է այն վարագույրը…

— Մնում է։

— Իսկ մա՞յրը…

— Մայրը դեռ հավատում է…

— Լավ է, որ ոչ ոք չի փշրել այդ առասպելը։

Հետո Ավագն ինձ պատմում է նորություններ գյուղից և գյուղի մարդկանցից։

Փողոցով անցնում են մարդկանց զորասյուներ, թնդում է նվագախումբը, և ես լսում եմ պղնձե փողերի հաղթական երգը։

Հետո իմ աչքի առաջ հառնում է մի հաղթանդամ սերմնացան, որ մեր սև ցելերի վրա ցանում է ոսկեհատ սերմեր: