«Բյուզանդիոնի առումը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Բյուզանդիոնի առումը |հեղինակ = Ստեֆան Ցվայգ |թարգմանիչ = Լևոն Հախվերդյան }} ...»:)
(Տարբերություն չկա)

00:16, 8 Մայիսի 2014-ի տարբերակ

Բյուզանդիոնի առումը

հեղինակ՝ Ստեֆան Ցվայգ
թարգմանիչ՝ Լևոն Հախվերդյան
աղբյուր՝ անհայտ

Բյուզանդիոնի առումը

29 մայիսի 1453 թվականի

Վտանգը մոտենում է

1451 թվականի փետրվարի 5-ին Փոքր Ասիա ուղարկված ծպտյալ սուրհանդակը Սուլթան Մուրադի ավագ որդուն՝ քսանմեկամյա Մահմուդին բերում է նրա հոր մահվան բոթը։ Իր խորհրդականներին ու նախարարներին ոչ մի խոսք չասելով, խորամանկ ու միաժամանակ եռանդուն իշխանը թռչում է իր լավագույն ձիու թամբին և զտարյուն, սքանչելի նժույգին մտրակելով, առանց շունչ առնելու սուրում մինչև Բոսֆոր ընկած հարյուր քսան մղոնը, ապա առանց հապաղելու անցնում նրա եվրոպական ափը՝ Գալլիպոլիս։ Միայն այնտեղ է իր ամենահավատարիմ մերձավորներին հայտնում, որ հայրը մեռել է և, կամենալով իսկույնևեթ կանխել ամեն մի ոտնձգություն գահի նկատմամբ, անմիջապես ընտիր զորագունդ է կազմում և առաջնորդում դեպի Ադրիանապոլիս, ուր Մահմուդին առանց առարկության ճանաչում են իբրև Օտոմանյան կայսրության տիրակալ։ Նոր սուլթանի առաջին իսկ կառավարական վճիռը ցույց է տալիս, թե որքան ահավոր է նրա դաժան վճռականությունը։ Իր արնեկից հնարավոր մրցորդներին նախապես մեջտեղից վերացնելու համար նա հրամայում է լողարանում խեղդել իր անչափահաս եղբորը, իսկ դրանից անմիջապես հետո, որ նույնպես նրա արյունռուշտ և անողոք զգուշավորության վկայությունն է, սպանվածի ետևից մյուս աշխարհն է ուղարկում նաև վարձված մարդասպանին։

Այն լուրը, թե շրջահայաց Մուրադի փոխարեն թուրքական սուլթան է դարձել երիտասարդ, անզսպելի և փառատենչ Մահմուղը, Բյուզանդիայում սոսկում է առաջ բերում։ Քանի որ հարյուրավոր լրտեսների օգնությամբ հայտնի է դառնում, որ այդ փառասերը երդվել է նվաճել Բյուզանդիայի մայրաքաղաքը, որ մի ժամանակ աշխարհի մայրաքաղաքն էր համարվում, և որ նա, որքան էլ երիտասարդ, զօր ու գիշեր անց է կացնում իր կյանքի այդ գլխավոր ծրագրի ստրատեգիան քննելու վրա. մյուս կողմից բոլոր լուրերը միաբերան հաստատում են նոր փադիշահի ռազմի և դիվանագիտական աչքի ընկնող ընդունակությունները։ Մահմուդը միաժամանակ բարեպաշտ է և մոլագար, տաքարյուն է և նենգամիտ, ուսյալ մարդ է և սիրում է արվեստ, նա Հուլիոս Կեսար և հռոմեացիների վարքագրությունները կարդում է բնագրով, և այդ ամենի հետ միասին բարբարոս է և արյուն է թափում ջրի պես։ Երազկուն, մելամաղձոտ հայացք և չարագուշակ, թութակի կտուցի նման կեռ քիթ ունեցող այդ մարդու մեջ համադրվում են անխոնջ աշխատավորը, անվեհեր զինվորն ու երկերեսանի դիվանագետը, և բոլոր այդ վտանգավոր ուժերը խտացված գործում են հանուն մի նպատակի, գերազանցել իր պապ Բայազետին ու իր հայր Մուրադին, որոնք առաջին անգամ Եվրոպային ցույց տվին թուրքական նոր ազգի ռազմական գերազանցությունը։ Բայց նրա առաջին հարվածը (դա հասկանում են, դա զգում են ամենքը) ուղղված է լինելու Բյուզանղիոն քաղաքի՝ Կոստանդինոսի և Հուստինիանոսի կայսերական թագի վերջին շքեղաշուք գոհարի դեմ։

Այդ գոհարը շատ մատչելի է զավթիչի ընչաքաղց ձեռքի համար և բոլորովին անպաշտպան է։ Բյուզանդիան, նույն ինքը Սև ծովից արևելք ընկած կայսրությունը, մի ժամանակ տիրում էր աշխարհին, ձգվում Պարսկաստանից մինչև Ալպեր ու վերստին մինչև ասիական անապատները, և նրա տարածքը կարելի էր չափել ամիսների երկար ճանապարհով, իսկ հիմա մի ծայրից մյուսը ոտքով կարելի է հանգիստ անցնել երեք ժամում։ Նախկին Բյուզանդական պետությունից, ավա՜ղ, գլուխն է մնացել առանց մարմնի, մայրաքաղաքն առանց երկրի, Կոստանդնուպոլիսը, Կոստանդինոսի քաղաքը, հնում՝ Բյուզանդիոնը, և կայսեր՝ բասիլևսին, այժմ պատկանում է Բյուզանդիոնի մի մասը միայն՝ այժմյան Ստամբուլը, իսկ Գալաթան արդեն ջենովացիների ձեռքին է, քաղաքի պարիսպներից դուրս եղած ամբողջ հողը՝ թուրք զավթիչների։ Վերջին կայսեր տիրապետությունը հիմա ձեռքի ափի չափ բան է, եղած֊չեղածը վիթխարի մի պարիսպ, եկեղեցիներ ու պալատներ և մեկ էլ տների մի կուտակում, մի խոսքով այն, ինչ կոչվում է Բյուզանդիոն։ Այն քաղաքը, որ մի անգամ արդեն մինչև հատակը կողոպտել էին խաչակիրները, որ կիսով չափ դատարկվել էր ժանտախտի համաճարակից, հալումաշ էր եղել նոմադների արշավանքներից մշտապես պաշտպանվելու կարիքից, որ բաժան-բաժան էր եղել ազգային և կրոնական երկպառակություններից, այդ քաղաքն այժմ ի վիճակի չէ ձեռք բերելու ո՛չ զինվորներ, ո՛չ արիություն, որպեսզի սեփական ուժերով պաշտպանվի թշնամուց, այն թշնամուց, որ բոլոր կողմերից վաղուց ի վեր քաղաքն առել է իր ճանկերի մեջ. Բյուզանդիայի վերջին կայսր Կոստանդինոս Դրագաշի ծիրանին հիմա հողմահարված թիկնոց է դարձել, նրա թագը՝ բախտի խաղալիք։ Բայց հենց այն պատճառով, որ թուրքերով արդեն շրջապատված Բյուզանդիոնը արևմտյան աշխարհի կողմից սրբագործված է իր ընդհանուր հազարամյա կուլտուրայով, այդ քաղաքը Եվրոպայի համար ծառայում է ասես իբրև պատվի խորհրդանիշ, միայն այն դեպքում, եթե քրիստոնեությունը համախմբվելով պաշտպանի իր վերջին, արդեն փլվող պատվարն Արևելքում՝ միայն այդ դեպքում Սուրբ Սոֆիան կարող է մնալ իբրև հավատի բազիլիկա, իբրև արևելահռոմեական քրիստոնեության վերջին և սքանչելագույն տաճար։

Կոստանդինոսն իսկույն տեսնում է վտանգը։ Չանսալով Մահմուդի բոլոր խաղաղասիրական ճառերին, նա պաշարվում է միանգամայն հասկանալի երկյուղով և սուրհանդակ սուրհանդակի ետևից առաքում է Իտալիա, սուրհանդակներ՝ Վենետիկ, սուրհանդակներ՝ Ջենովա, խնդրելով թիանավեր և զինվորներ։ Բայց հռոմը տատանվում է, Վենետիկը նույնպես՝ քանի որ Արևմուտքի կրոնի և Արևելքի կրոնի միջև դեռ էլի բաց է մնում դավանաբանական նախկին անդունդը։ Հունական եկեղեցին ատում է հռոմեականը, և նրա պատրիարքը հրաժարվում է ի դեմս պապի ճանաչել գերագույն հովվապետին։ Ճիշտ է, վրա հասնող թուրքական վտանգի առաջ երկու տաճարները՝ Ֆեռարայի և Ֆլորենցիայի տաճարները, վաղուց արդեն վճիռ են ընդունել երկու եկեղեցիները միավորելու մասին, և դրա դիմաց Բյուզանդիոնին օգնության խոստում է տրված ընդդեմ թուրքերի։ Բայց հազիվ էր վտանգը մի քիչ հեռու քաշվել իրենցից, երբ հունական սինոդները դեմ եղան դաշնագիրն ուժի մեջ դնելուն։ Եվ հիմա միայն, երբ Մահմուդը սուլթան դարձավ, կարիքը գերակշռեց ուղղափառ հոգևորականության համառությանը, օգնության խնդիրքի հետ Բյուզանդիան հռոմ է առաքում զիջում անելու իր պատրաստակամությունը։ Եվ ահա թիանավերը բեռնվում են զինվորներով ու ռազմամթերքով, բայց նավերից մեկով գալիս է նաև պապի պատվիրակը, որ պետք է հանդիսավոր տոնակատարությամբ հռչակի երկու եկեղեցիների հաշտությունը և ի լուր աշխարհի ազդարարի, որ նա, ով կհարձակվի Բյուզանդիոնի վրա՝ մարտահրավեր կնետի բովանդակ քրիստոնյա մարդկությանը։

Հաշտության պատարագը

Դեկտեմբերի այդ օրը նշանավորվեց վեհաշուք մի պատկերով․ մարմարով, խճանկարով և թանկագին քարերով զարդարուն հրաշագեղ բազիլիկայում (այժմյան մեչիդին[1] նայելով, նրա երբեմնի շքեղությունը դժվար է նույնիսկ պատկերացնել) կատարվում էր հաշտության տոնահանդեսը։ Կայսրության բոլոր մեծատոհմիկ անձերով շրջապատված՝ հայտնվում է Կոստանդինոսը՝ բասիլևսը, նա և իր կայսերական թագն ասես գերագույն վկաներն ու երաշխավորներն են այն իրողության, որ հավերժական հաշտությունն ու խաղաղությունը չեն խախտվի։ Վիթխարի տաճարը լեփ֊լեցուն է, տաճարը ճաճանչավորում են հազարավոր մոմեր․ ատրուշանի առաջ եղբայրաբար պատարագում են պապական գահի Պատվիրակ Իսիդորոսը և ուղղափառ պատրիարք Գրիգորը, այդ եկեղեցում առաջին անգամն է պապի անունը հորջորջվում աղոթքներում, առաջին անգամն է հնչում և դեպի հավերժական տաճարի բարձրադիր կամարներն ալիքվում բարեպաշտ երգեցողությունը լատին և հույն լեզուներով, մինչ ցածում հաշտություն կնքած երկու եկեղեցիների սպասավորները հանդիսավորությամբ ներս են բերում սուրբ Սպիրիդոնի մասունքները։ Արևելքն ու Արևմուտքը, մեկ և մյուս դավանանքները թվում են առմիշտ կապված, և բազում֊բազում տարիների հանցավոր երկպառակություններից հետո Եվրոպայի գաղափարը, Արևմուտքի իմաստը կարծես թե կենսագործվում է։

Բայց պատմության մեջ հաշտության և բանականության հաղթանակի րոպեները կարճատև են ու վաղանցուկ։ Եթե տաճարում, ընդհանուր աղոթքի մեջ բարեպաշտորեն ի մի են հյուսվում ձայները, ապա նրա պատերից դուրս, վանքի մենախցում, ուսյալ վանական Գեննադիոսն արդեն մերկացնում է լատիններին և ճշմարիտ հավատի դավաճանությունը։ Այն կապը, որ հազիվհազ ամրանում էր բանականության շնորհիվ, կրոնական ֆանատիզմն իսկույնևեթ քանդում է։ Ու եթե հունադավան հոգևորականությունը չի էլ մտածում անկեղծորեն ենթարկվելու մասին, ապա Միջերկրական ծովի մյուս ծայրին հռոմեական հոգևորականությունը մոռացության է տալիս օգնության խոստումը։ Ճիշտ է, մի քանի թիանավ է առաքվում և մի քանի հարյուր զինվոր, բայց հետո քաղաքը թողնվում է բախտի քմահաճույքին։

Պատերազմը սկսվում Է

Պատերազմ նյութելիս բռնակալները, եթե դեռևս լիակատար զինված չեն՝ հաճությամբ են բարբաջում խաղաղության մասին։ Այդպես էլ Մահմուդը, գահ բարձրանալուց հետո, Կոստանդինոս կայսեր դեսպաններին ընդունելիս հենց նրանց է ամենից ավելի շռայլում իր ամենաբարեհաճ և հանգստաբեր խոսքերը։ Նա, հրապարակավ և հանդիսավոր, երդվում է աստծով ու մարգարեով, հրեշտակներով ու ղուրանով, որ սրբությամբ կպահպանի բասիլևսի հետ կնքած դաշնագրերը։ Եվ միաժամանակ այդ երկերեսանին համաձայնագիր է կնքում հունգարների ու սերբերի հետ երեք տարի երկկողմանի չեզոքություն պահպանելու մասին, հենց այն երեք տարին, որոնց ընթացքում մտադիր է անարգել նվաճել Կոստանդնուպոլիսը։ Եվ իսկույն, խաղաղության մասին խոսքեր շռայլելուց և խաղաղություն պահպանելու երդումներ տալուց անմիջապես հետո, Մահմուդը երդմնազանց է դառնում և պատերազմ է հրահրում։

Մինչ այդ ժամանակները թուրքերին էր պատկանում Բոսֆորի միայն ասիական ափը, ուստի և բյուզանդական նավերն անարգել կարող էին Բյուզանդիոնից նեղուցով դուրս գալ Սև ծով, դեպի ցորենի սեփական շտեմարանը։ Մահմուդը նրանց առաջ փակում է այդ ուղին և, չփորձելով նույնիսկ արդարացնել իր գործողությունները, հրամայում է ամրոց կառուցել եվրոպական ափին, Ռումելի Հիսարի կողքին, ընդ որում ամենանեղ տեղում, ուր պարսկական կռիվների ժամանակներում քաջարի Քսերքսեսը անցավ նեղուցի մյուս ափը։ Մի գիշերում հազարավոր, տասնյակ հազարավոր հող փորողներ իջնում են Բոսֆորի եվրոպական ափը, ուր, դաշնագրի համաձայն, չպետք է ամրություն կառուցվեր (բայց բռնակալների համար ի՞նչ նշանակություն ունեն դաշնագրերը)։ Եվ նրանք սնունդ հայթայթելու համար ամայացնում են շրջապատի դաշտերը, ամրոցի կառուցման քար հայթայթելու համար ավերում ոչ միայն տները, այլև Սուրբ Միքայելի վաղուց ի վեր հռչակված եկեղեցին, սուլթանն ինքը, զօր ու գիշեր հանգիստ չառնելով, գլխավորում է կառուցումը, իսկ Բյուզանդիային մնում է անզորությամբ նայել, թե ինչպես են ջանում խեղդել իրեն՝ բոլոր օրենքներին ու դաշնագրերին հակառակ՝ փակելով իր ելքը դեպի Սև ծով։ Այն նավերը, որ պետք է անցնեին մինչև այժմ ազատ ջրերը, արդեն ենթարկվում են գնդակոծման։ Թեև դեռ պատերազմ չի ծագել, բայց իր զորությունը ցույց տալու առաջին հաջողակ փորձից հետո խաղաղասեր ձևանալու խաղերը սուլթանի համար դառնում են ավելորդ։ 1452 թվականի օգոստոսին Մահմուդը հավաքում է իր բոլոր փաշաներին ու աղաներին և բացահայտ հայտարարում Բյուզանդիոնի վրա գրոհելու և զավթելու իր մտադրությունը։ Հայտարարությանը հաջորդում է բռնությունը. թուրքական կայսրության բոլոր վայրերն են առաքվում մունետիկներ, նրանք հավաքում են զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդկանց, և 1453 թվականի ապրիլի 5-ին, հանկարծահաս փոթորկի ափ նետած ալիքի պես, անընդգրկելի օտոմանյան զորաբանակը հեղեղում է Բյուզանդիոնի առջև ընկած ամբողջ հարթավայրը, ընդհուպ մինչև նրա պարիսպները։

Իր զորքերի գլուխն անցած, շքեղ հագնված, ընթանում է հեծյալ սուլթանը։ Նա մտադիր է իր վրանը խփել ուղիղ ավետարանիչ Ղուկասի դարպասների առաջ։ Բայց նախքան իր գլխավոր շտաբի դրոշները կծածանվեն քամուց, նա հրամայում է գետնին աղոթքի գորգ փռել։ Բոկոտն կանգնում է նա գորգին, երեսը դեպի Մեքքա դարձրած, երեք անգամ կռանում է՝ ճակատը գետնին դիպցնելով, իսկ նրա թիկունքի կողմում գոյանում է շքեղաշուք մի տեսարան․ հազար հազարավոր զինվորներ նույնպես կռանում են նույն կողմի վրա, նույն ռիթմով ասում են նույն աղոթքը, պաղատելով ալլահին, որ իրենց զորություն և հաղթանակ պարգևի։ Դրանից հետո միայն սուլթանը ոտքի է ելնում։ Ալլահին հնազանդվողը նորից դառնում է մարտակոչ նետող, աստծո խոնարհ ծառան՝ տիրակալ ու ռազմիկ, և ճամբարով մեկ շուտափույթ ցրվում են նրա սուրհանդակները, որպեսզի թմբկահարությունն ու շեփորահարությունը սկսվելուն պես ազդարարեն՝ քաղաքի պաշարումն սկսվա՛ծ է։

Պարիսպներն ու թնդանոթները

Բյուզանդիոնը միայն, պարիսպներ ունի, դրանք են նրա ուժն ու փրկությունը. ոչինչ այլևս չի մնացել նրա երբեմնի աշխարհակալ հզորությունից, բացի փառավոր ու երջանիկ ժամանակների այդ ժառանգությունը։ Քաղաքի եռանկյունին պատված է եռաշերտ զրահով։ Ներքևում քարակոփ պարիսպները քաղաքը պաշտպանում են թևերի՝ Մարմարա ծովի և Ոսկեղջյուրի կողմից, իր վիթխարի զանգվածով պատնեշը տարածվում է դեպի հարթավայրը, դա այսպես կոչված Թեոդոսիոսի պարիսպն է։ Հնուց անտի Կոստանդինոսը, գալիք վտանգները կանխատեսելով, Բյոլզանդիոնը գոտևորել էր թերթաքարե պարսպով, իսկ Հուստինիանոսը շարունակել էր պատնեշը բարձրացնել ու ամրացնել։ Բայց Թեոդոսիոսն էր յոթ կիլոմետրանոց պարսպապատ ամրոց կառուցել, որի քարակուռ զորության մասին հիմա էլ կարելի է պատկերացում կազմել նրա բաղեղապատ ավերակներին նայելով։ Հրակնատներով և ատամներով զարդարուն, ջրով լեցուն փոսորակով պատված, քառակուսի հզոր պահակային աշտարակներով պաշտպանված՝ ամրոցը ձգվում էր երկու և երեք զուգահեռ շարքերով, և ամեն մի թագավոր, մի ամբողջ հազարամյակի ընթացքում, լրացրել ու նորոգել է քաղաքը պաշտպանող այդ վիթխարի ամրոցը։ Այդ հոյաշեն միջնաբերդը այն ժամանակ համարվում էր կատարյալ անմատչելիության խորհրդանիշ։ Ինչպես հնում բարբարոսական անզսպելի հորդաների և հեղեղի պես վրա տվող թուրքական ջոկատների առաջ, այնպես էլ հիմա այդ քառակուսի զանգվածները թվում են անխոցելի մինչև օրս հորինված ռազմի սարքերի դիմաց, ամեն տեսակի բաբանների, քարաձիգ գործիքների և խոյերի, նույնիսկ վերջերս ստեղծված հրանոթների ու հրասանդերի նետած ականները անզորությամբ թափվում են՝ այդ ուղղագիծ հարթությանը դիպչելով։ Ոչ մի եվրոպական քաղաք չի պաշտպանված ավելի ամուր և հուսալի, որքան Կոստանդնուպոլիսը՝ իր Թեոդոսիոսի պարսպով։

Մահմուդին ավելի, քան մեկ ուրիշին հայտնի է, թե որքան հզոր է ու հուսալի այդ պարիսպը։ Եվ բազում ամիսներ ու տարիներ իր անքուն գիշերներին ու երազներում նրա միտքը սևեռված է այն նպատակին, թե ինչպես հաղթի անհաղթելին, ինչպես խորտակի անխորտակելին։ Նրա սեղանին օր֊օրի ավելանում է թշնամական ամրությունների չափերն ու ձևերը ցnւյց տվող գծագրերի կույտը։ Նրան քաջ հայտնի է պարսպի և՛ մեկ, և՛ մյուս կողմում գտնվող ամեն մի հողաթումբ, ամեն մի զառիվայր, ամեն մի ջրատար առու, և նրա ինժեներներն իր հետ միասին մշակել են բոլոր մանրամասները։ Բայց նրանց հիասթափություն է պատել, բոլոր հաշվումները ցույց են տալիս, որ գոյություն ունեցող ռազմի սարքերով Թեոդոսիոսի պարիսպը խորտակել հնարավոր չէ։

Ուրեմն պետք է նոր հրանոթներ գործի դնել։ Դրանք պետք է լինեն ավելի երկարափող, ավելի հզոր, ավելի հեռահար, քան մինչ այդ ռազմի արվեստին հայտնի հրանոթները։ Եվ նետվող արկերն էլ պետք է ուրիշ լինեն՝ ավելի ամուր քարից, ավելի ծանր, հզոր ու խորտակիչ, քան մինչ այդ եղածները։ Այդ անմատչելի պարիսպը խարխլելու համար պետք է հնարել նոր հրետանի, ուրիշ ելք չկա, և Մահմուդը հայտարարում է, որ պատրաստ է ամեն գնով ստեղծել հարձակման նոր միջոցներ։

Ամե՛ն գնով․ այսօրինակ հայտարարությունն ինքնին արդեն բորբոքում է ստեղծագործ, կենդանի ուժերը։ Եվ ահա, պատերազմ հայտարարելուց շատ չանցած, սուլթանի մոտ է գալիս հունգար Ուրբասը կամ Օրբասը, որ հայտնի էր իբրև հրետանու ամենափորձված և ամենահնարամիտ վարպետ։ Ճիշտ է, նա քրիստոնյա է և քիչ առաջ իր ծառայություններն առաջարկել էր Կոստանդինոս կայսրին, բայց մտածելով, և իրավամբ, որ սուլթանն իրեն ավելի լավ կվարձատրի և իր արվեստը ցույց տալու համար ավելի համարձակ խնդիրներ կառաջադրի, նա հայտարարում է, թե պատրաստ է, անսահմանափակ միջոցներ ստանալու դեպքում, ձուլել այնպիսի վիթխարի թնդանոթ, որի նմանը աշխարհում դեռ չի եղել։ Սուլթանը, որին, ինչպես մի միակ մտքով բռնված ամեն մարդու, ոչ մի գին չափազանց չի թվում, իսկույնևեթ նրան տրամադրում է կամեցած թվով բանվորներ և Ադրիանապոլիս է հասցնում հազարավոր սայլ պղինձ։ Հրետանագործը մեծ ջանքերով կավից ձուլման կաղապար է սարքում՝ գործի դնելով ջրմխում կատարելու գաղտնի միջոցներ։ Միայն դրանից հետո կարող է սկսվել պղնձի հալված զանգվածի ձուլումը։ Այդ խնդիրը հաջողվում է ի կատար ածել։ Հրանոթի վիթխարի փողը, ամենամեծը մինչ այդ աշխարհում ձուլվածներից, դուրս է բերվում կաղապարից և սառեցվում, բայց նախքան առաջին փորձարկումը Մահմուդը մունետիկներ է ուղարկում ամենուրեք, որ կատարվելիքի մասին նախազգուշացնեն հղի կանանց։ Ու երբ հրեշավոր թնդյունով, ասես կայծակի փայլով հրավառված, նրա երախը դուրս է նետում քարե հզոր գունդը և այդ առաջին ու միակ փորձը խարխլում է մոտակա պարիսպը՝ Մահմուդն անհապաղ հրաման է արձակում ստեղծել նույնքան վիթխարի հրանոթներից բաղկացած մի ամբողջ մարտկոց։

Առաջին մեծ «քարանետ մեքենան», ինչպես հետագայում դա կկոչեն երկյուղած հույն պատմագիրները, վերջապես ստեղծվում է։ Բայց առաջ է գալիս էլ ավելի մեծ դժվարություն. այդ հրեշը, պղնձաձույլ այդ վիշապն ինչպե՞ս քարշ տալ ամբողջ Թրակիայով և հասցնել մինչև Բյուզանդիոնի պարիսպները։ Եվ սկսվում է մի ոդիսական, որ ոչնչի հետ չի կարելի համեմատել, մի ամբողջ ժողովուրդ, մի ամբողջ զորաբանակ երկու ամսվա ընթացքում առաջ են մղում չափից դուրս երկարավիզ այդ համառ հրեշին։ Հեծյալ ջոկատներն առջևից, իբրև մշտական պահնորդներ, պետք է պաշտպանեն այդ գանձը հնարավոր հարձակումներից։ Նրանց հետևում են բազմահարյուր, գուցեև բազմահազար մարդիկ, որ տքնում են զօր ու գիշեր՝ փորում են հողը և տեղափոխում սայլերով, որպեսզի վերացնեն այդքան ծանրաքարշ տրանսպորտի առաջ եղած բոլոր անհարթությունները, իսկ նա իր ետևից վերստին ավերում է ճանապարհը։ Անիվների վրա դրված այդ բերդին լծված է հինգ հարյուր զույգ եզ, իսկ սռնու վրա, ինչպես մի ժամանակ նշանավոր կոթողը Եգիպտոսից հռոմ բերելիս, դարսված են հրանոթների վիթխարի փողերը։ Ըստ որում, դրանց ծանրությունը խնամքով տեղաբաշխված է, երկու հարյուր մարդ աջ ու ձախ կողմերից անխոնջ կերպով հավասարակշռում են սեփական ծանրությունից ճոճվող վիթխարի զանգվածը, իսկ հիսուն սայլագործ ու ատաղձագործ շարունակ փոխում կամ յուղում են փայտե գլանները, պնդացնում են հենարանները, կամուրջներ են գցում, ամենքը հասկանում են, որ միայն քայլ առ քայլ, դանդաղ վարգով կարող է այդ անվերջանալի քարավանը առաջ շարժվել լեռնաշղթաների վրայով ու տափաստանի միջով։ Հավաքվում են շրջակա գյուղերի գեղջուկները և զարմանք կտրած նայում պղնձաձույլ հրեշին, որին, իբրև պատերազմի աստծու, երկրից երկիր են տեղափոխում նրա քուրմերն ու սպասավորները։ Բայց շատ չանցած, նրա հետքերով քարշ են տալիս և իր եղբայրակիցներին՝ նույնպես պղնձաձույլ, դուրս բերված իր կավաշեն մայրական գրկից։ Մարդկային կամքը մեկ անգամ չէ, որ անհնարինը դարձրել է հնարավոր։ Եվ ահա արդեն քսան կամ երեսուն նույնպիսի հրեշներ, իրենց կլորավուն սև երախները բաց արած, դարձել են դեպի Բյուզանդիոնը. ծանր հրետանին մուտք գործեց պատերազմների պատմություն, և սկսվեց մենամարտը հռոմեական Արևելքի կայսրների հազարամյակներ կանգուն միջնաբերդի և նոր սուլթանի նոր հրետանու միջև։

Վերստին ծագում է հույսը

Դանդաղ, համառ, անկասելի՝ Մահմուդի հրանոթները շողափայլ կծոցներով հոշոտում են ու փշրում Բյուզանդիոնի պարիսպը։ Հրանոթներից յուրաքանչյուրն առայժմ կարող է ամեն օր արձակել ոչ ավելի, քան վեց֊յոթ կրակոց։ Օր-օրի սուլթանը տեղադրում է նորանոր հրանոթներ, և ամեն մի կրակոցի հետ փոշու ամպեր են բարձրանում, ու նորանոր ճեղքեր են բացվում քարակոփ պարսպի մեջ։ Ճիշտ է, պաշարվածները գիշերով այդ ճեղքերը փակում են փայտի սեպերով, թեև սեպերը գնալով պակասում են, ինչպես նաև քաթանի կտորտանքներից սարքված գնդերով, բայց և այնպես հիմա արդեն պաշարողները երբեմնի անմատչելի միջնաբերդի դեմ չէ, որ կռվում են։ Եվ պարսպի ետևում ութ հազար պաշարվածները սոսկումով են մտածում այն ճակատագրական պահի մասին, երբ Մահմուդի հարյուր հիսուն հազար ռազմիկները վճռական գրոհի կելնեն և կնետվեն ճեղքեր տված պարսպի վրա։

Ժամանակն է, վաղուց ժամանակն է, որ քրիստոնեական աշխարհը մտաբերի տված խոստումը, կանանց բազմությունները երեխաների հետ եկեղեցիներում օրերով ծունկ են չոքում սուրբ մասունքների առաջ, իսկ զինվորները պահնորդային աշտարակներից զօր ու գիշեր նայում են հեռուն՝ թուրքական նավերով լեցուն Մարմարա ծովում չի՞ երևում արդյոք հռոմի պապի խոստացած կամ վենետիկյան պահեստային նավատորմիղը։

Վերջապես ապրիլի 20-ի ժամը 3-ին բռնկեց ազդանշանը։ Հորիզոնում առագաստներ նշմարվեցին։ Ճիշտ է, դա այն հզոր քրիստոնեական նավատորմը չէ, որ երազում էին պաշարվածները, բայց և այնպես քամին դանդաղորեն դեպի ափ է մղում ջենովական երեք մեծ նավ, իսկ ետևից ցորենով բարձված մի փոքր բյուզանդական նավ, որ շրջապատված է այդ երեքի պաշտպանությամբ։ Իսկույնևեթ ամբողջ Կոստանդնուպոլիսը հավաքվում է առափնյա ամրությունների մոտ՝ օգնության հասնողներին ցնծագին ընդունելություն ցույց տալու համար։ Բայց նույն այդ աահին Մահմուդը թռչում է ձիու թամբին, իր ծիրանափայլ վրանի մոտից քառատրոփ սուրում դեպի ցած, դեպի նավահանգիստ, ուր խարիսխ էր նետել թուրքական տորմիղը, և հրաման է արձակում ամեն գնով խանգարել նավերին Բյուզանդիոնի նավահանգիստը՝ Ոսկեղջյուր մտնել։

Թուրքական տորմիղը բաղկացած է հարյուր հիսուն փոքր նավերից, և անմիջապես լսվում է մի քանի հազար թիակների ճողփյունը։ Աբորդաժային կեռեր, կրականետեր և պարսատիկներ ունեցող հարյուր հիսուն նավերը դժվարությամբ մոտենում են չորս գալիոններին, բայց, ուժեղ հողմից մղվելով, այդ հզոր նավերն առաջ են ընկնում և իրենց տակովն անում թուրքական նավերը, որոնց միջից ճիչեր, աղմուկ ու կրակոցներ են լսվում։ Փքուն, կլորավուն առագաստներով վսեմաշուք, հարձակվողների հանդեպ արհամարհանքով լեցուն՝ հաղթանակած նավերը մոտենում են Ոսկեղջյուրի հուսալի նավահանգստին, որի հռչակավոր շղթան, ձգված Ստամբուլից մինչև Գալաթա, դեռ երկար կծառայի նրանց գրոհներից ու հարձակումներից պաշտպանելու համար։ Չորս գալիոնը գրեթե հասնում են իրենց նպատակին, առափնյա ամրությունների մոտ խռնված հազարավոր մարդիկ կարող են ամեն մեկի դեմքը տեսնել առանձին-առանձին, կանայք ու տղամարդիկ արդեն ծնկի են գալիս, որ աստծուն ու նրա սրբերին փառք տան փրկություն բերելու համար, արդեն զրնգում է նավահանգստային շղթան, որ բացվի և, քաղաքը շրջափակումից ազատելով, ներս թողնի փրկարար նավերին։

Եվ հանկարծ կատարվում է մի ահավոր բան։ Քամին անսպասելիորեն դադարում է։ Ասես մագնիսական ուժի զորությամբ չորս նավն էլ մեխվում են իրենց տեղում, ուղիղ ծովի մեջ. պարսատիկի հազիվ մի քանի նետման տարածություն է նրանց բաժանում փրկարար նավահանգստից։ Եվ թուրքական թիանավերի ամբողջ ոհմակը վայրենի, հաղթական ճիչերով նետվում է տեղում գամված չորս նավի վրա, որ չորս աշտարակի պես մնացել են ծովածոցում անշարժ տնկված։ Եղջերուից կառչած որսորդական շների պես, մանր նավերը կախվում են մեծ նավերից։ Թուրքերը կացիններով ջարդում են մեծ նավերի կողերը, որ ջրասույզ անեն։ Նորանոր խմբեր են մագլցում խարսխաշղթաներով՝ առագաստների վրա ջահեր նետելով, որ այրեն նավերը։ Թուրքական արմադայի նավապետն իր ծովակալային նավը վճռաբար ուղղում է ցորենով բարձված գալիոնի վրա, որ խոյահարի նրան։ Նավերն արդեն կցվել են միմյանց իբրև շղթայի երկու օղակ։ Ճիշտ է, բարձրադիր նավակողերով ու սաղավարտներով պաշտպանված ջենովական նավաստիները դեռ կարող են ետ մղել վեր մագլցող թուրքերին, նրանք դեռ կարողանում են թուրքերին ետ քշել կեռերով, քարերով և հունական կրակով։ Բայց շատ չանցած գալիս է այդ պայքարի վախճանը։ Ուժերը շատ են անհավասար։ Ջենովական նավերը դատապարտված են կործանման։

Ի՜նչ ահավոր պատկեր այն հազարավոր մարդկանց համար, որ հավաքվել են քաղաքի պարիսպների մոտ։ Դա կատարվում է նույնքան մոտ, ինչպես կրկեսի հրապարակում, երբ ժողովուրդը հետևում է արյունալի մենամարտերին, այնքան տանջալիորեն մոտ, որ բազմությունն աչքի առաջ տեսնում է ծովամարտը՝ իր պաշտպանների անխուսափելի կործանումը, քանի որ ամենաշատը ևս երկու ժամ՝ և չորս նավն էլ պարտված կլինեն ծովային մարտում։ Զուր եղավ բարեկամների գալուստը, զո՛ւր։ Հույները, կանգնած Կոստանդնուպոլսի ամրությունների վրա, իրենց եղբայրներից հեռու այնքան միայն, որ նետված քարը կհասներ, սեղմում են բռունցքները ապարդյուն ցասումով, քանի որ ոչնչով չեն կարող օգնել իրենց փրկարարներին։ Ոմանք էլ իրենց մոլեգին շարժումներով ջանում են ոգեշնչել բարեկամներին։ Մյուսները, ձեռքները երկինք կարկառած, հրաշք գործելու աղաչանք են անում Քրիստոսին, Միքայել հրեշտակապետին և նրանց վանքերի ու տաճարների բոլոր սրբերին, որ այսքան դարեր պահապան են եղել Բյուզանդիոնին։ Բայց հակադիր ափին, Գալաթայում, թուրքերն էլ իրենց հերթին են նույնքան ջերմեռանդ աղոթում, որ հաղթանակն իրենց զորքին շնորհվի. ծովն ասես կրկեսի հրապարակ է դարձել, ծովամարտը՝ գլադիատորների կռիվ։ Սուլթանն ինքը քառատրոփ սուրացել է ծովափ։ Իր փաշաներով շրջապատված, նա այնքան է խորացել ջրի մեջ, որ զգեստը թրջվել է և, ձեռքի ափերը շեփոր դարձրած, իր զինվորներին ահեղ հրաման է տալիս գրավել քրիստոնեական նավերը ինչ գնով էլ լինի։ Եվ ամեն անգամ, երբ թուրքական նավերից մեկին ստիպում են ետ քաշվել, կեռ յաթաղանը թափահարելով նա հայհոյում ու սպառնում է իր ծովակալին, «Եթե չհաղթես՝ կենդանի չվերադառնաս»։

Քրիստոնեական չորս նավ դեռ դիմանում են, բայց ծովամարտը մոտենում է վախճանին․ նետելու ականները, որոնցով քրիստոնյաները ետ են մղում թուրքական նավերը, սպառվելու վրա են, նավաստիները հոգնել են հիսուն անգամ գերակշիռ ուժերի դեմ բազմաժամ կռիվ մղելուց։ Օրը թեքվում է, արևը մայր է մտնում։ Եվս մի ժամ, և նավերին, եթե նույնիսկ մինչ այդ թուրքերը նրանց աբորդաժի չվերցնեն, հոսանքը կքշի դեպի հանդիպակաց ափը, որ գրավել է թշնամին։ նրանք կործանվա՛ծ են, կործանվա՛ծ, կործանվա՛ծ։

Բայց ահա տեղի է ունենում այն, ինչ Բյուզանդիոնի կողմի հուսալքվող, ճիչ ու կական բարձրացնող բազմությանը հրաշք է թվում։ Հանկարծ ծովը հուզվում է թեթևակի, քամի է բարձրանում։ Եվ չորս գալիոնների թոշնած առագաստները իսկույն լցվում են, ուռճանում, մեծանում, դառնում կլորավուն։ Քամին, բաղձալի, փրկարա՜ր քամին վերստին զարթնեց։ Գալիոնների նավախելերը բարձրանում են հաղթականորեն, առագաստները ուռճեցրած, հանկարծակի մղումով առաջ են շարժվում և, հակահարձակման անցնելով, խորտակում են չորս բոլորը վխտացող թուրքական նավերը։ Նրանք ազատվել են արդեն, նրանք փրկված են։ Հազարավոր բազմության ցնծագին աղաղակների ուղեկցությամբ ապահով նավահանգիստ է մտնում առաջին նավը, հետո երկրորդը, հետո երրորդը, հետո չորրորդը. փակոցային շղթան, զրնգալով, վերստին բարձրանում է, իսկ թուրքական նավերի վտառը, այլևս արդեն անօգնական, ծովածոցով մեկ ցիրուցան, մնում է ետևում։ Եվ մռայլ, հուսահատության մատնված քաղաքի վրայով մի անգամ ևս շառագույն ամպի նման անցնում է հույսի ցնծությունը։

Նավատորմիղն անցնում է լեռան վրայով

Միայն մի գիշեր է տևում պաշարվածների անզուսպ հրճվանքը։ Բայց չէ որ գիշերը միշտ էլ բորբոքում է մեր երևակայությունը և մեր հույսերը պարուրում տենչանքների քաղցր թույնով։ Մի գիշեր միայն պաշարվածներն իրենց փրկված և ապահով են համարում։ Չէ որ այնպես, ինչպես այդ չորս նավը բարեհաջող տեղ հասան՝ զինվորներ և պարենամթերք բերելով,— երազում են Կոստանդնուպոլսի բնակիչները,— այդպես էլ շաբաթ առ շաբաթ նորերը կգան. Եվրոպան իրենց չի մոռացել։ Եվ նրանք, վաղաժամ հույսերի փարած, քաղաքն արդեն տեսնում են պաշարումից ազատ, իսկ ոսոխին՝ անարգված ու ջախջախված։

Մահմուդը նույնպես երազող է, բայց ուրիշ բնույթի երազող, շատ ավելի հազվագյուտ երևույթ. նա մեկն է այն մարդկանցից, որ կամքի ուժով կարողանում են կենսագործել երազանքը։ Եվ նույն այն ժամանակ, երբ գալիոնները, Ոսկեղջյուրի նավահանգիստը հասնելով, իրենց արդեն ապահով են կարծում, սուլթանը հղանում է մի ծրագիր, այնքան աներևակայելիորեն հանդուգն, որ պատերազմների պատմության մեջ, առանց հոգուն մեղք անելու, կարելի է հավասարեցնել Հաննիբալի և Նապոլեոնի ամենից անվեհեր գործերին։

Բյուզանդիոնը, ինչպես ոսկեղեն պտուղ, ընկած է սուլթանի առջև, բայց սա կարողանում տիրանալ նրան։ Գրոհելու և տիրանալու գլխավոր խոչընդոտը խորունկ ծովածոցն է։ Ոսկեղջյուրը կույրաղիքի նման մի ծովախորշ է, որ մի թևից պահում է Կոստանդնուպոլիսը։ Այդ ծովախորշը թափանցել անհնար է փաստորեն, քանի որ նրա մուտքի մոտ ընկած է ջենովական Գալաթա քաղաքը, որի հանդեպ Մահմուդը պարտավոր է չեզոքություն պահել, իսկ այնտեղից ծովի վրայով մինչև թշնամական քաղաքը ձգվում է շղթայափակոցը։ Ուստի և սուլթանի տորմիղը չի կարող ճակատային հարվածով ծովախորշը մտնել, միայն և միայն ներքին ավազանի կողմից, այնտեղից, ուր վերջանում է ջենովական սահմանը, կարելի է հարձակվել ու տիրել քրիստոնեական նավերին։ Բայց տորմիղն ինչպե՞ս նետել ներքին ծովախորշը։ Իհարկե, կարելի է նավերն այնտեղ սարքել և նոր տորմիղ ստեղծել։ Բայց դա շատ ամիսներ կպահանջի, իսկ անհամբեր սուլթանն անկարող է սպասել։

Եվ այստեղ Մահմուդի գլխում հանճարեղ միտք է ծագում։ Արտաքին ծովից, ուր նրա տորմիղը կանգնած է անօգուտ, նավերը մանգաղաձև թերակղզու վրայով քարշ տալ մինչև Ոսկեղջյուրի ներքին ծովախորշը։ Լեռնային թերակղզու վրայով հարյուրավոր նավեր տեղափոխելու հանդուգն միտքն առաջին հայացքից այնքան անհեթեթ ու անգործադրելի է թվում, որ և՛ բյոլզանդացիները, և՛ Գալաթայի ջենովացիները դրան նույնքան նվազ տեղ են հատկացնում իրենց ստրատեգիական զուգակշռում, որքան հռոմեացիները, ապա և ավստրիացիները՝ Ալպերի վրայով Հաննիբալի ու Նապոլեոնի սրընթաց անցումին։

Բովանդակ երկրային փորձն ասում է, որ նավերը կարող են միայն ջրով անցնել, բայց նավատորմը երբեք չի անցել լեռան վրայով։ Սակայն բոլոր ժամանակներում դիվային կամքի նշանը եղել է հենց այն, որ անհնարինը դարձնի հնարավոր, և ռազմի հանճարը մշտապես ճանաչվում է ըստ այնմ, թե ինչպես է պատերազմի ընթացքում արհամարհում պատերազմ վարելու սովորական եղանակները և հարկավոր պահին փորձված մեթոդները փոխարինում է հանպատրաստից ստեղծագործությամբ։

Եվ ահա սկսվում է ռազմական մի կամպանիա, որ հազիվ թե կարելի է համեմատել ռազմի պատմության էջերում հանդիպող որևէ դրվագի հետ։ Մահմուդը գաղտնի հրաման է տալիս անհամար քանակությամբ գերաններ բերել, հյուսները դրանցից սահնակներ են շինում, և հետո նավերը դնում են դրանց վրա։ Միաժամանակ հազարավոր մարդիկ գործի են անցնում, որպեսզի տրանսպորտի առաջ ըստ հնարավորին լավ հարթեն այն նեղ արահետը, որ պիտի անցներ Բերայի բարձունքի եզրով դեպի վեր և վար։ Այդքան մեծաքանակ բանվորների կուտակումը թշնամուց թաքցնելու համար սուլթանն օր ու գիշեր ծովային հրասանդներով ահաբեկող գնդակոծություն է կատարում Գալաթա չեզոք քաղաքի վրայով. գնդակոծությունն ինքնին չունի որևէ իմաստ, բայց ունի այն նպատակը, որ շեղի թշնամու ուշադրությունը և թաքցնի նավերի ճամփորդությունը լեռների վրայով ու հովիտներով՝ մի ջրից մյուսը։ Ու մինչ թշնամին զբաղված է և հարձակում է սպասում միայն ցամաքից, թուրքերը նավերը դնում են առատորեն յուղված գլանների վրա, գոմեշների անհամար զույգեր քարշ են տալիս նավերը, իսկ նավաստիները պահում են կողքերից։ Այսպես, բարձունքի վրայով, թուրքերն անց են կացնում նավ նավի ետևից։

Ռազմական բոլոր խոշորագույն գործողությունների ժամանակ ամենից վճռականը անսպասելիության պահն է։ Այստեղ ևս մենք տեսնում ենք Մահմուդի ռազմական հանճարի ապացույցը։ Ոչ ոք չի կռահում նրա մտադրությունը։ «Իմ հղացումների մասին մորուքիս թեկուզ մի մազն իմանա՝ ես արմատից կպոկե՛մ այդ մազը»,— այսպես է խոսել մի անգամ այդ հանճարեղ և նենգավոր խորամանկը։ Եվ այն ժամանակ, երբ հրասանդների արձակված գնդերը դիպչում են Կոստանդնուպոլսի պարիսպներին՝ նրա հրամանն ի կատար ածելով, ապրիլի 22-ին յոթանասուն նավ անցնում են լեռների ու հովիտների, խաղողի այգիների ու հովիտների միջով ու հասնում մի ծովից մյուսը։

Հաջորդ առավոտյան բյուզանդացիներին թվում է, թե երազի մեջ են՝ թշնամական նավատորմը, ասես ուրուների ձեռքով թև առած ու տեղափոխված, դրոշներով ու նավաստիներով, լողում է իրենց ծովախորշում, որ համարում էին անմատչելի։ Նրանք դեռ տրորում են աչքերը՝ ջանալով կռահել, թե ինչպե՞ս կատարվեց այդ հրաշքը, իսկ մինչ այդ՝ ծովախորշով պաշտպանված պարիսպների տակ արդեն լսվում է շեփորների, ծնծղաների ու թմբուկների ցնծագին ժխորը։ Եվ ամբողջ Ոսկեղջյուրը, Գալաթայի մոտի մի նեղ չեզոք տարածությունից բացի, ուր մեկուսացված է քրիստոնեական նավատորմը, այդ հանճարեղ գործողության շնորհիվ արդեն պատկանում է սուլթանին և նրա բանակին։ Հիմա արդեն նա կարող է իր զորքը նավերից կապված կամրջի վրայով անարգել գրոհի տանել ավելի թույլ ամրացված պարսպի վրա։ Դրանով սպառնալիքի տակ է դրվում պաշտպանության ավելի թույլ թևը, և պաշարվածների առանց այն էլ նոսր շարքերը ստիպված կլինեն ավելի ձգվել, ավելի ևս նոսրանալ։ Երկաթե բռունցքն ավելի ու ավելի է սեղմում իր զոհի պարանոցը։

Եվրոպա, հասի՛ր օգնության

Պաշարվածները սին պատրանքներ չեն հյուսում այլևս։ նրանք հասկանում են` որքան էլ ուժեր կենտրոնացնեն ճեղքված թևում, միևնույն է, չեն կարող երկար դիմանալ գնդակոծումներից ավերվող պարիսպների ետևում, ութ հազարը չի կարող դիմագրավել հարյուր հիսուն հազարին, եթե օգնության ձեռք չմեկնվի։ Բայց մի՞թե վենետիկյան սինյորը նավեր ուղարկելու հանդիսավոր խոստում չի տվել։ Մի՞թե հռոմի պապը կարող է անտարբեր մնալ, երբ Սուրբ Սոֆիային, Արևմուտքի սրբազնագույն տաճարին, սպառնում է անհավատների մեչիդ դառնալու վտանգը։ Մի՞թե Եվրոպան չի հասկանում, որ ինչքան էլ գժտություններում արատավորված, որքան էլ վարկաբեկված ստոր կրքերի հարյուրավոր դրսևորումներով, հույներն, այսուամենայնիվ, վտանգ չեն ներկայացնում Արևմուտքի կուլտուրայի համար։ Բայց գուցեև,— իրենց մխիթարում են պաշարվածները,— արևմտյան նավատորմը, վաղուց ի վեր պատրաստ, հապաղում է առագաստ բանալ իրերի դրությանն անտեղյակ լինելու պատճառով, և նրանց շարժելու համար բավական է հասկացնել, թե այդ սպանիչ հապաղումն ի՜նչ ահեղ պատասխանատվություն է դնում իրենց վրա։

Բայց ինչպե՞ս լուր տալ վենետիկյան նավատորմին։ Մարմարա ծովում վխտում են թուրքական նավերը, ամբողջ նավատորմը շարժել նշանակում է կործանման դատապարտել նրան և, բացի այդ, պաշտպանները, որոնց մեջ ամեն մարդը հաշիվ է, երկու֊երեք հարյուր զինվորից զրկվելով ավելի կթուլանան։ Ուստի և վճռում են վտանգել մի փոքր նավ, փոքրաթիվ անձնակազմով։ Ընդամենը տասներկու մարդ, եթե պատմության մեջ արդարությունը տիրապետեր՝ նրանց անունները հռչակված կլինեին արգոնավորդների անուններից ոչ պակաս, բայց մենք նրանցից ոչ մեկի անունը չգիտենք, այդ տասներկուսը կատարում են հերոսական արարք։ Փոքրիկ մի բրիգանտինի վրա բարձրացնում են թշնամու դրոշակը։ Չճանաչվելու համար տասներկուսն էլ թուրքական զգեստ են հագնում և գլուխներին չալմա են դնում։ Մայիսի 3-ին, կեսգիշերին, կամացուկ իջեցնում են նավահանգստի արգելափակիչ շղթան։ Հազիվ է լսվում թիակների խլացված ճողփյունը, և անվեհեր բրիգանտինը, մթությունից օգտվելով, դուրս է գալիս նավահանգստից։ Եվ ինչ՝ հրաշքն ի կատար է ածվում, նավն առանց ճանաչվելու Դարդանելի միջով անցնում է Էգեյան ծովը։ Եվ, ինչպես միշտ, անլուր քաջությունը կաթվածահար է անում հակառակորդին։ Թվում է, Մահմուդն ամեն ինչ կանխատեսել էր, բայց նա չէր կարող պատկերացնել անգամ, որ իրենց միայնակ նավով տասներկու հերոս կհանդգնեին իր ամբողջ նավատորմիղի միջով անցնել այնպիսի քաջությամբ, որ հավասար էր արգոնավորդների քաջությանը։

Բայց ինչպիսի՜ ողբերգական հիասթափություն. Էգեյան ծովում չի նշմարվում և ոչ մի վենետիկյան առագաստ։ Ե՛վ Վենետիկը, և՛ Հռոմի պապը, բոլորը մոռացության են տվել Բյուզանդիոնը, բոլորը, տարված իրենց մանր ու չնչին, անհեռատես քաղաքականությամբ, արհամարհանքով լքել են նրան։ Մշտապես, նորից ու վերստին պատմության մեջ կրկնվում են այն ողբերգական պահերը, երբ եվրոպական մշակույթի պաշտպանության համար անհրաժեշտ է լինում մեծագույն կենտրոնացում և բոլոր ուժերի միասնություն, մինչդեռ իշխաններն ու պետությունները իրենց մանր ու չնչին մրցակցության մեջ ամենափոքր զիջում իսկ չեն ուզում անել։ Ջենովան՝ Վենետիկին, իսկ Վենետիկը Ջենովային ստվերելն ավելի կարևոր է համարում, քան գոնե մի քանի ժամով միանալը և ընդհանուր թշնամու դեմ արշավելը։ Եվ ահա ծովն ամայի է, ո՛չ մի քրիստոնեական նավ։ Հերոսները, իրենց ընկույզի կճեպի մեջ, հուսահատաբար թիավարում են հա թիավարում, մի կղզուց մյուսը հասնում։ Բայց նավահանգիստներն ամենուրեք գրավել է թշնամին, և ոչ մի բարեկամ նավ չի հանդգնում մտնել ռազմական գործողությունների ասպարեզ։

Ի՞նչ անել։ Տասներկուսից ոմանք կորցնում են հոգու արիությունը, որ միանգամայն բնական է։ Ի՞նչ միտք ունի վերադառնալ Կոստանդնուպոլիս և վերստին կտրել այդ վտանգավոր ուղին։ Միևնույն է, ոչ մի հուսալի լուր չեն կարող տանել յուրայիններին։ Գուցեև քաղաքն արդեն հանձնվել է։ Համենայն դեպս, եթե վերադառնան նրանց սպասում է մահը կամ գերությունը։ Բայց ի՜նչ սքանչելի են այն հերոսները, որոնց անունները ոչ ոքի հայտնի չեն. նրանց մեծ մասը վճռում է վերադառնալ Բյուզանդիոն։ Իրենց հանձնարարություն է տրված, և պարտավոր են կատարել։ Իրենց ուղարկել են լուր բերելու, և իրենք պարտավոր են լուր տանել հայրենիք, որքան էլ այդ լուրը ծանր լինի։ Եվ ահա փոքրիկ ու փխրուն նավը անվեհերաբար բռնում է տունդարձի ուղին՝ Դարդանելի և Մարմարա ծովի միջով, թշնամական նավատորմի արանքով։ Մայիսի 23֊ին, մեկնելուց քսան օր հետո, երբ Կոստանգնուպոլսում վաղուց ի վեր հաշտվել են առաքված նավի կորստյան հետ, արդեն ոչ ոք չի մտածում նրանց վերադարձի և բերվելիք լուրերի մասին, պարիսպների վրա մի քանի ժամապահ թափահարում են դրոշները, քանի որ կտրուկ թիավարումով փոքրիկ նավը սուրում է դեպի Ոսկեղջյուր։ Եվ թուրքերը, պաշարվածների ցնծության ձայները լսելով, զարմանքով նկատում են, որ իրենց դրոշակով և իրենց ջրերով անցած բրիգանտինը պատկանում է թշնամուն։ Նրանք բոլոր կողմերից շրջապատում են բյուզանդական նավը, որպեսզի հասցնեն բռնել նախքան ապահով նավահանգիստ մտնելը, բայց դա նրանց չի հաջողվում։ Կոստանդնուպոլսում մի պահ բարձրանում են ցնծության աղաղակներ։ Մարդիկ լի են այն հրճվալի հույսով, որ Եվրոպան մտաբերել է իրենց և նախապես մի քանի նավ է ուղարկել իբրև օգնության նախակարապետներ։ Բայց հետո հայտնի է դառնում տխուր իրողությունը, քրիստոնեական աշխարհը մոռացության է մատնել Բյուզանդիոնը։ Պաշարվածները լքվել են, նրանք դատապարտված են կործանման, եթե իրենք իրենց չփրկեն։

ԳՐՈհԻ՛Ն ՆԱԽՈՐԴԱԾ ԳԻՇԵՐԸ

Ամենօրյա մարտերում անցած վեց շաբաթից հետո սուլթանը, վերջապես, կորցնում է համբերությունը։ Նրա հրանոթները շատ տեղերում արդեն քանդել են պարիսպը, բայց բոլոր գրոհները ետ են մղվել մեծ արյունահեղությամբ։ Զորավարն այժմ երկու հնարավորություն ունի միայն՝ կամ հրաժարվել պաշարումից, կամ անհամար փոքր գրոհներից հետո մեծ, վճռական գրոհի անցնել։ Մահմուդն իր փաշաներին ռազմական խորհրդի է կանչում, և նրա բռնկուն կամքը փարատում է ամեն տարակուսանք։ Մեծ, վճռական գրոհը նշանակվում է մայիսի 29-ին։

Սովոր եռանդով սուլթանը պատրաստվում է այդ գրոհին։ Նշանակվում է տոնակատարության օրը, երբ բոլոր հարյուր հիսուն հազար ռազմիկները, առաջինից մինչև վերջինը, պետք է կատարեն Իսլամի սահմանած բոլոր տոնական ծեսերը՝ յոթ լվացում և օրեկան երեք մեծ աղոթք։ Դեռևս մնացած վառոդն ու արկերը բերվում են հրանոթների մոտ՝ գրոհը նախապատրաստող ուժգնացված գնդակոծում սկսելու համար։ Գրոհի համար տարբեր տեղամասերում առանձին ջոկատներ են կարգվում։ Վաղ առավոտից մինչև ուշ գիշեր Մահմուդն իրեն ոչ մի ժամ հանգիստ չի տալիս։ Ոսկեղջյուրից մինչև Մարմարա ծով, վիթխարի ճամբարի ամբողջ երկարությամբ, նա անցնում է մի վրանից մյուսը, ամենուրեք խրախույս կարդում զորապետներին, ոգևորում ռազմիկներին։ Բայց, իբրև հմուտ հոգեբան, նա քաջ գիտե ինչով կարող է մինչև վերջ բորբոքել իր հարյուր հիսուն հազարանոց զորաբանակի մարտական ոգին, նա տալիս է արյունարբու մի խոստտւմ, որ, ի պատիվ և անարգանք իրեն, կատարում է ամբողջովին։ Մոլեգին թմբկահարության և շեփորահարության ուղեկցությամբ նրա մունետիկները հայտնում են այդ խոստումն աշխարհի չորս բոլորը. «Մահմուդը երդվում է ալլահի անունով, Մոլհամեդի անունով և չորս հազար մարգարեների անունով, երդվում իր հոր՝ սուլթան Մուրադի հոգով, իր զավակների կյանքով և իր սրով, որ քաղաքն առնելուց հետո իր զորաբանակին շնորհում է երեքօրյա անսահմանափակ կողոպուտի իրավունք։ Այն ամենը, ինչ կա այդ պարիսպների ներսում՝ տնային իրեր և ամենայն բարիք, զարդեր և թանկագին քարեր, փող և գանձ, տղամարդիկ, կանայք, երեխաներ,— այս ամենը կպատկանեն հաղթանակած զինվորներին, իսկ ինքը՝ սուլթանը, հրաժարվում է ամեն ինչից, բացի արևելահռոմեական կայսրության այս վերջին պատվարը նվաճելու պատվից»։

Զինվորները մոլեգին ցնծությամբ են ընդունում արյունռուշտ խոստումը։ Ինչպես փոթորիկ, ցնծության կատաղի ժխորը և հազարավոր կոկորդներից ելած «ալլա՜հ֊ի՛լ-ալլա՜հ» մոլագար աղաղակները սաստկանալով հասնում են մինչև երկյուղած քաղաքը։ «Յազմա՛, յազմա՛»՝ «Կողոպտեցե՛ք, կողոպտեցե՛ք»՝ այս բառը դառնում է ռազմակոչ. այս բառն է հնչում թմբուկների կարկտահարության մեջ, շեփորների ոռնոցի և ձնծղաների ժխորի մեջ, և գիշերով ճամբարը դառնում է տոնական հրաբորբոք մի ծով։ Երկյուղը սրտերում, իրենց պատվարներին կանգնած, պաշարվածները տեսնում են, թե ինչպես ամբողջ հարթության մեջ և բլուրներին բռնկում են բյուրավոր ջահեր ու կրակներ, և թշնամին փողերի, սուլիչների, թմբուկների ու ծնծղաների ժխորի մեջ տոնում է իր հաղթանակը հաղթությունից առաջ։ Դա հիշեցնում է հեթանոսական քուրմերի չարագուշակ և աղմկալի ծիսակատարությունը զոհ մատուցելուց առաջ։ Բայց կեսգիշերին Մահմուդի հրամանով մի ակնթարթում հանգչում են բոլոր լույսերը, և մոլեգնությունից տաքացած ամբոխների հազարաձայն աղմուկը կտրվում է միանգամից։ Բայց այդ մղձավանջային խավարը և անսպասելի լռությունը իրենց ահեղ վճռականությամբ ավելի են ճնշում հուսալքված, ծանր ակնկալությունների սպասող հույներին, քան հրաբորբոք լույսերի մոլագար ցնծությունը։

Սուրբ Սոֆիայի վերջին պատարագը

Պաշարվածներին այլևս պետք չեն ո՛չ դիտակալներ, ո՛չ հետախույզներ. առանց այն էլ գիտեն, թե ինչ է սպասվում իրենց։ Գիտեն, որ գրոհի հրամանը տրված է արդեն, և չտեսնված պատասխանատվության ու չլսված վտանգների նախազգուշացումն ամպրոպաբեր ամպի նման կախվում է քաղաքի վրա։ Գժտություններով ու կրոնական երկպառակություններով մասնատված բնակչությունն այդ վերջին ժամերին բոլոր տարաձայնությունները հանկարծ մոռացության է տալիս։ Սովորաբար ծայրահեղ դժբախտությունն է միայն, որ աշխարհիս երեսին կարող է հանդես բերել մարդկային անսահման միասնության այդպիսի մի պատկեր, թող ամենքը գիտենան, թե իրենց ինչ արժեքներ է վիճակված պաշտպանել հավատը, մեծաշուք անցյալը, համընդհանուր մշակույթը։ Բասիլևսը հրամայում է ի կատար ածել հուզիչ մի արարողություն, նրա հրամանով ամբողջ ժողովուրդը՝ և՛ ուղղափառները, և՛ կաթոլիկները, հոգևորականներն ու աշխարհականները, մանուկներն ու ծերերը շարվում են մի թափորի մեջ։ Ոչ ոք իրավունք չունի, ոչ ոք չի կամենում տանը մնալ՝ սկսած ամենահարուստից մինչև ամենից աղքատը, բոլորը շարվում են ընդհանուր թափորում՝ երկյուղածաբար «Kyrie Eleison» երգելով, և հանդիսավոր երթը նախ անցնում է քաղաքով, իսկ հետո նաև արտաքին ամրություններով։ Եկեղեցուց առնված սրբապատկերն ու մասունքները տանում են առջևից. ամենուրեք, ուր պարսպի մեջ ճեղք է բացված, սրբապատկեր են կախում, դրանք անհավատների գրոհը ետ կմղեն ավելի լավ, քան երկրային զենքերը։ Միաժամանակ Կոստանդինոս կայսրը ժողովում է սենատորներին, ազնվականներին ու զորապետներին, որպեսզի մի վերջին կոչով բորբոքի նրանց արիությունը։ Ճիշտ է, նա չի կարող, Մահմուդի նման, նրանց մեծամեծ ավարներ խոստանալ։ Բայց նա ոգեշունչ խոսքերով դրվատում է այն փառքն ու պատիվը, որ իրենք ձեռք կբերեն բոլոր քրիստոնյաների և բովանդակ արևմտյան աշխարհի համար, եթե կարողանան ետ մղել այդ վերջին ու վճռական գրոհը և կանխեն այն վտանգը, որ սպառնում է ամենքին, եթե չդիմանան արնախումների գրոհի առաջ։

Ե՛վ Մահմուդը, և՛ Կոստանդինոսը գիտեն, որ այդ օրը նախանշում է պատմության ընթացքը բազում դարերով։

Այնուհետև սկսվում է եզրափակիչ տեսարանը, ամենահրապուրիչ տեսարաններից մեկը, որ երբևէ տեսել է Եվրոպան՝ կործանման զմայլանքի մի անմոռանալի պատկեր։

Սուրբ Սոֆիայի տաճարում, դեռևս այն ժամանակ աշխարհիս ամենահոյակապ տաճարներից մեկում, որը եկեղեցիների միացման օրվանից լքված էր և՛ Ուղղափառների, և՛ կաթոլիկների կողմից, հավաքվում են մահվան դատապարտվածները։ Կայսեր շուրջը խռնվել է ողջ արքունիքը, ազնվականությունը, հունական ու հռոմեական հոգևորականությունը, Ջենովայի և Վենետիկի զինվորներն ու նավաստիները, բոլորն ասպազենով և զինավառ։ Իսկ նրանց թիկունքում, երկյուղածությամբ ու լռին, ծնկի են եկել բյուրավոր մրմնջացող ստվերներ՝ մտատանջությամբ ու սարսափով համակված ժողովուրդը։ Եվ մոմերի լույսը, որ հազիվ է ցրում կամարների միջև խտացած մշուշը, ողողում է մի սիրտ, մի հոգի դարձած աղոթողների բազմությունը։ Ինքը՝ բովանդակ Բյուզանդիայի ոգին է այստեղ աղոթում աստծուն։ Եվ ահա հնչում է պատրիարքի հզոր ոգեկոչումը, որին պատասխան են տալիս երգչախմբերը։ Այս տաճարում վերստին հնչում է Արևմուտքի սրբազան ու հավերժական ձայնը՝ երաժշտությունը։ Հետո մարդիկ, և ամենից առաջ կայսրը, միմյանց ետևից մոտենում են զոհասեղանին՝ հավատի մխիթարանքն ստանալու համար։ Եվ հսկայական տաճարի պատերից անդրադարձվելով ու մինչև կամարների խորքը հասնելով՝ թնդագին ու հնչեղ ալիք է տալիս աղոթքի անլռելի ձայնը։

Արևելքի հռոմեական կայսրության հոգեհանգստի վերջին պատարագն սկսվեց։ Քանզի քրիստոնեական հավատը վերջին անգամն է ապրում Հուստինիանոսի տաճարում։

Այս ցնցող ծիսակատարությունից հետո կայսրը միայն մեկ անգամ է կարճ ժամանակով վերադառնում իր պալատը, որպեսզի բոլոր հպատակներից ու սպասավորներից ներողություն խնդրի ամեն մի վիրավորանքի համար, որ երբևէ հասցրել է նրանց։ Ապա նա թռչում է նժույգի թամբին, ճիշտ և ճիշտ Մահմուդի՝ իր մեծ ախոյանի նման, և անցնում ամրությունների երկայնքով՝ իր զինվորներին ոգեշնչելու համար։ Չի լսվում և ոչ մի ձայն, ոչ մի սրի զնգոց։ Բայց միջնաբերդի ներսում ապաստանած հազարավոր մարդիկ, հազարավոր խռովված հոգիներ սպասում են լուսաբացին և մահվան։

Կերկապորտ. մոռացված դուռը

Կեսգիշերվա ժամին սուլթանը տալիս է գրոհի ազդանշանը։ Ծածանվում է սուլթանական վիթխարի դրոշը, և հարյուր հազարավոր մարդիկ «ալլա՜հ, ալլա՜հ֊ի՛լ֊ալլա՜հ» աղաղակելով գրոհի են նետվում՝ առած զենքեր, սանդուղքներ, պարաններ և պարիսպ մագլցելու կեռեր։ Նույն պահին հնչում են բոլոր թմբուկների մանրահարվածները, իսկ շեփորների, ծնծղաների ու սրինգների ականջ ծակող ձայները միանում են մարդկանց ճիչերի և հրանոթների թնդյունի հետ՝ առաջ բերելով խլացուցիչ ժխորի փոթորիկ։

Սուլթանն առանց խնայելու պարիսպների վրա է նետում բաշիբոզուկների անվարժ ջոկատները։ Պաշարման ծրագրի մեջ բաշիբոզուկների կիսամերկ մարմինները պետք է հենարանի դեր կատարեն և հյուծեն ու թուլացնեն թշնամուն։ Դրանից հետո միայն նա պետք է ասպարեզ նետի իր հիմնական ուժերը, որոնք և պետք է տան վճռական հարվածը։ Մտրակի հարվածներից քշվելով, բաշիբոզուկները, հարյուրավոր սանդուղքներ առած, գիշերվա խավարում նետվում են առաջ։ Նրանք մագլցում են ատամնավոր պարիսպների վրա, նրանց ցած են գլորում, նորից են նետվում գրոհի, նորից ու վերստին, քանի որ ետ դառնալու հնար չկա։ Միայն զոհ լինելու համար նախատեսված և արժեք չունեցող այդ մարդկային նյութի թիկունքում կանգնած հիմնական ուժերը նրան անդադրում քշում են գրոհի, դեպի ստույգ մահը։ Պաշտպանները դեռևս դիմագրավում են, նրանց զրահները դեռևս անխոցելի են իրենց վրա թափվող քարերի ու նետերի հանդեպ։ Բայց նրանց սպառնացող գլխավոր վտանգը (և այստեղ Մահմուդը չէր սխալվել իր հաշիվներում) հոգնածությունը պիտի լիներ։ Պաշարվածները ստիպված էին առանց դադար առնելու մարտնչել նորանոր թեթևազեն ստորաբաժանումների դեմ, վտանգավոր դարձած մի տեղամասից մյուսը նետվել, երբ պարզվեց, որ իրենց ուժերի մեծ մասն արդեն սպառվել է։ Եվ այնուհետև, երբ երկժամյա կռվից հետո սկսվում էր լուսանալ, հաջորդ՝ այս անգամ արդեն թուրքերի ջոկատներն են նետվում գրոհի։ Պայքարն արդեն սպառնալի ընթացք է ստանում, քանի որ սրանք լավ վարժեցված, կարգապահ ռազմիկներ են, նույնպես զրահավորված են, բացի այդ մեծաթիվ են և ուժով լեցուն, մինչդեռ քաղաքի պաշտպանները ստիպված են ներխուժման առաջն առնել մեկ մի տեղում, մեկ՝ մյուս։ Սակայն գրոհողներին դեռ կարողանում են ամենուրեք ետ մղել, և սուլթանն ստիպված է կռվի մեջ նետել իր վերջին, պահեստի ուժերը՝ ենիչերիներին, իր կադրային զորքերը, օտոմանյան ընտիր գվարդիան։ Ինքն է անձամբ գլխավորում տասներկու հազար ընտրովի այն լավագույն ռազմիկներին, որ կային ժամանակի Եվրոպայում։ Եվ, միահամուռ կանչ արձակելով, նրանք նետվում են հոգնատանջ հակառակորդի վրա։ Արդեն վաղուց ժամանակն է զարկելու քաղաքային բոլոր զանգերը և պարիսպների մոտ կանչելու թեկուզև որևէ չափով մարտունակ բնակիչներին, ժամանակն է նավաստիներին ցամաք կանչել նավերից, քանի որ իսկապես վճռական ճակատամարտը հիմա պիտի բռնկի։ Ի դժբախտություն պաշարվածների, քարե գունդը ծանր վիրավորել է ջենովական զորքերի հրամանատար, անվեհեր կոնդոտյեր Ջոստինիանիին. նրան դեպի նավն են տանում, և դա մի պահ թուլացնում է պաշարվածների եռանդը։ Բայց ահա քառատրոփ սլանում է կայսրը, որպեսզի խանգարի ոսոխի ներխուժմանը, և հաջողվում է մի անգամ էլ դեն նետել գրոհողների սանդուղքները։ Գրոհի վճռականությանը հակադրվում է հուսահատ վճռականությունը ու մի պահ, հոգոցի պես կարճատև, թվում է թե Բյուզանդիան փրկված է, մեծագույն աղետը հաղթում է ամենամոլեգին հարձակմանը։

Եվ հանկարծ մի ողբերգական դրվագ, մեկն այն գաղտնախորհուրդ րոպեներից, որ երբեմն ծագում են պատմության անքննելի վճիռներում, մի հարվածով վճռում է Բյուզանդիայի ճակատագիրը։

Կատարվեց միանգամայն անհավատալին։ Արտաքին պարսպի մեջ բացված բազմաթիվ ճեղքերից մեկով, հարձակման գլխավոր կետի մոտ, մի քանի թուրք թափանցեցին։ Բայց նրանք վախենում էին ներքին պարսպին մոտենալ։ Ու երբ առանց որևէ մտադրության, հետախուզելով, նրանք թափառում էին ներքին և արտաքին պարիսպների միջև, նկատեցին, որ դարպասներից մեկը, ավելի փոքրը, որ կերկապորտ է կոչվում, անըմբռնելի մի անփութությամբ բաց է մնացել։ Ըստ էության դա մի դռնակ էր, որ խաղաղ ժամանակ ծառայում էր հետիոտնների համար, երբ գլխավոր դարպասները դեռևս փակ էին լինում։ Հենց այն պատճառով, որ այդ դռնակը չուներ ոչ մի ստրատեգիական նշանակություն, ընդհանուր տագնապի մեջ մոռացության էր մատնվել։ Եվ ենիչերիները, ի զարմանս իրենց, ահեղ պարսպաբերդի մեջ տեսնում են իրենց առջև հանգիստ բացված այդ դուռը։ Նրանք նախ կարծում են, թե դա ռազմի խորամանկություն է, որովհետև թվում է միանգամայն անհեթեթ, որ այստեղ կիրակնօրյա հանգստությամբ կարող էր բաց լինել քաղաքի կենտրոնը տանող մի դուռ, երբ բերդի ամեն մի ճեղքվածքի, ամեն մի բացվածքի, ամեն մի դարպասի առաջ լեռնակուտակ բարձրացել են հազարավոր դիեր, պաշարվածները տեգեր են նետում դեպի պաշարողները և նրանց վրա տաք-տաք թշշացող յուղ են լցնում։ Համենայն դեպս, ապահովության համար ենիչերիները համալրում են կանչում, և, ոչ մի դիմադրության չհանդիպելով, թուրքերի մի ամբողջ ջոկատ խուժում է ներս և թիկունքից հանկարծակի նետվում միամիտ պաշարվածների վրա։ Սրանցից մի քանիսը թուրքերին հանկարծ տեսնում են իրենց թիկունքում և, իրենց գլխին աղետ բերելով, արձակում այն ճիչը, որ ծնում է ստահոդ լուրը․ «Քաղաքն առնվա՛ծ է»։ Եվ ավելի ու ավելի բարձր թուրքերն այդ նույնը կրկնում են ցնծագին. «Քաղաքն առնվա՜ծ է»։ Եվ այդ կանչն ավերում է ամեն մի դիմադրություն։ Վարձկան զորքերի ջոկատները, կարծելով, թե իրենց դավաճանել են, լքում են դիրքերը, ջանալով շուտափույթ նավահանգիստ հասնել ու փրկվել նավերով։ Այլևս իզուր է Կոստանդինոսը մի քանի հավատարիմ մարդկանցով նետվում զավթիչներին ընդառաջ, նա վայր է ընկնում՝ իրարանցման մեջ խփվելով։ Եվ միայն հաջորդ օրը դիերի բլուրի մեջ ճանաչում են նրան՝ ոսկեկար արծիվով զարդարուն ծիրանի կոշիկների շնորհիվ, ու հաստատում, որ արևելահռոմեական կայսրության վերջին տիրակալը քաջաբար (բառիս հռոմեական իմաստով) հրաժեշտ է տվել իր կյանքին ու կայսրությանը։

Այսպես պատահական հյուլեն՝ բաց մնացած կերկապորտը, մոռացված դուռը, վճռեց համաշխարհային պատմության ընթացքը։

Խաչը տապալված է

Պատմությունը երբեմն խաղ է անում տարեթվերի հետ, քանի որ ուղիղ հազար տարի այն բանից հետո, երբ հռոմն այնպես հիմնավորապես կողոպտեցին բարբարոսները՝ Բյուզանդիոնի կողոպուտն սկսվեց։ Հավատարիմ իր երդմանը, արյունարբու հաղթող Մահմուդն իր խոսքի տերը եղավ։ Առաջին կոտորածից հետո նա իր զինվորների ձեռքը տվեց ռազմավարը՝ տներն ու պալատները, վանքերն ու եկեղեցիները, տղամարդկանց, կանանց ու երեխաներին։ Եվ, ասես դժոխային չարքեր, թուրքերը հազարներով սուրում էին Կոստանդնուպոլսի փողոցներով, ջանալով միմյանցից առաջ ընկնել։

Ամենից առաջ խուժում են եկեղեցիները, ուր ոսկե սափորներ են փայլփլում և թանկագին քարեր են շողշողում, իսկ երբ որևէ տուն են ներխուժում՝ զինվորները տան վրա կախում են իրենց դրոշները, որպեսզի իրենցից հետո եկողներն իմանան՝ այստեղի ավարն արդեն բռնագրավված է։ Եվ այդ ավարի մեջ մտնում են ոչ միայն թանկագին քարեր, գործվածքներ, դրամ ու շարժական կայք, այլև մարդիկ, որ նույնպես ապարանք են, կանայք պետք են հարեմներին, իսկ տղամարդիկ ու երեխաները՝ գերիների շուկային։ Հաղթողները մտրակներով դուրս են քշում բազմություններն այն տարաբախտների, որ ապաստան էին որոնում եկեղեցիներում, ծերերին վերջ են տալիս տեղնուտեղը, քանի որ նրանք պիտանի չեն վաճառքի համար, ձրիակերներ են և ավելորդ բեռ, իսկ երիտասարդներին կապկպում են միասին, ինչպես անասունների, և մի կողմ քշում։

Ալան-թալանի հետ միասին մոլեգնում է անիմաստ ավերածությունը։ Այն ամենը, ինչ խաչակիրները կողոպտել էին գուցեև ոչ պակաս դաժանորեն՝ թանկագին մասունքներ և արվեստի գործեր, հաղթողները հիմա ջարդուփշուր են անում, պատառոտում՝ առ ոչինչ են դարձնում մեծարժեք պատկերները, փշուր֊փշուր են անում հոյակապ քանդակները, ոչնչանցում են դարերի իմաստությունը խտացնող գրքերը։ Հունական մտքի ու պոեզիայի այն անմահ գանձարանները, որ պետք է պահպանվեին գալիք դարերի համար՝ կրակի ճարակ են դառնում և քամահրանքով դեն նետվում։

Մարդկությունը երբեք մինչև վերջ չի իմանա, թե այդ ճակատագրական ժամին ինչ աղետ ներխուժեց բաց մնացած դռնով, և թե աշխարհիս որպիսի՜ մեծաքանակ հոգևոր արժեքներ կորստյան մատնվեցին Հռոմի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի կողոպուտի ժամանակ։

Մեծ հաղթանակը նշանավորող օրվա երկրորդ կեսին միայն, երբ ջարդն ու կոտորածն արդեն ավարտվել էր, սուլթան Մահմուդը մուտք է գործում նվաճված քաղաքը։ Հպարտ ու լրջախոհ՝ նա իր հոյակապ նժույգով անցնում է թալանի վայրենի տեսարանների մոտով առանց որևէ կողմ նայելու, քանի որ հավատարիմ է տված խոստումին՝ չխանգարել զինվորներին, որ իր համար հաղթանակ էին նվաճել իրենց ահավոր արհեստով։ Եվ նա հպարտորեն ընթանում է ուղիղ դեպի տաճարը՝ դեպի Բյուզանդիոնի այդ ոսկեշող գագաթը։ Ավելի քան հիսուն օր նա իր վրանից ագահորեն նայել է Սուրբ Սոֆիայի շողշողուն և անմատչելի գմբեթին։ Եվ հիմա նա՝ հաղթողը, իրավունք ունի մտնել տաճարի բրոնզաձույլ դռներով։ Բայց Մահմուդը նորից է սանձում իր անհամբերությունը. նա ուզում է նախ երախտագիտություն հայտնել ալլահին՝ տաճարն առմիշտ նրան նվիրաբերելուց առաջ։ Սուլթանը հնազանդորեն իջնում է ձիուց և աղոթում մինչև գետին խոնարհվելով։ Հետո մի բուռ հող է առնում գետնից և լցնում գլխին, հիշեցնելով իրեն, որ ինքն էլ մահկանացու է և չպետք է չափազանց գոռոզանա իր հաղթանակով։ Հետո միայն, աստծուն իր հնազանդությունը ցույց տալուց հետո, սուլթանն ընդոստ շտկվում է և, իբրև առաջինն ալլահի ծառաներից, մուտք գործում Հուստինիանոսի տաճարը, սրբազան իմաստնության տաճարը, Սուրբ Սոֆիայի տաճարը։

Հիացումով ու հուզմունքով սուլթանը զննում է հոյակապ շինությունը, նրա բարձրաբերձ կամարները, որ շողշողում են մարմարակերտ ու խճանկար՝ կիսամութից դեպի լույսը հառնելով։ Եվ նա միտք է անում, որ ոչ թե իրեն, այլ աստծուն պետք է պատկանի աղոթքի այս ազնվաշուք պալատը։ Իսկույն կանչել է տալիս իմամին, սա տաճարի ամբիոնն է բարձրանում և այնտեղից ազդարարում մահմեդական հավատի խորհրդանիշը, իսկ փադիշահը, դեմքը դեպի Մեքքա դարձրած, աղոթում է ալլահին՝ աշխարհների տիրակալին, և դա առաջին մահմեդական աղոթքն է, որ հնչում է այդ քրիստոնեական տաճարում։

Հաջորդ օրն իսկ արհեստավորները հրաման են ստանում տաճարը մաքրել նախկին կրոնի նշաններից, զոհասեղանները դուրս են բերվում, ծեփվում-ծածկվում են խճանկար բարեպաշտական պատկերները, և Սուրբ Սոֆիայի գմբեթի բարձրաբերձ խաչը, որ հազարամյակներ շարունակ թևերը կարկառել էր այս աշխարհին բովանդակ տառապանքն ընդգրկելու համար, խլաձայն գետին է տապալվում։

Այդ ձայնն ուժգին արձագանք է տալիս տաճարում և նրա պատերից շա՜տ հեռու։ Քանի որ խաչի անկումից ամբողջ Արևմուտքն է ցնցվում։ Դառնագին բոթը, երկյուղ հարուցելով, հնչում է Հռոմում, Ջենովայում, Վենետիկում, իբրև նախազգուշացնող որոտ՝ թավալգլոր հասնում է Ֆրանսիա, Գերմանիա, ու Եվրոպան արդեն սարսուռով է գիտակցում, որ իր բութ անտարբերության հետևանքով մոռացության մատնված դռնով ներխուժեց, ասես իբրև ճակատագիր, մի ավերիչ զորություն, դարեր շարունակ պետք է կապի ու կաշկանդի Եվրոպայի ուժերը։

Սակայն ժողովուրդների պատմության մեջ, ինչպես առանձին մարդու կյանքում, անդարձ կորսված րոպեն ափսոսանքներով ետ չես դարձնի, և հազարամյակն անզո՛ր է ետ բերելու մի ժամում կորցրածը։


  1. Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա քրիստոնեական տաճարը թուրքերը քաղաքը ^Վաճելուք հետո դարձրին մեչիղ։