― Լսեցեք, պատմեմ ձեզ,― ասաց ծերունին ժպտալով,― ինչպես տեսնում եք, մարգագետնում կանգնածը աղջիկ չի եղել, այլ դեղին խատուտիկ, բայց քանի որ Շավոնդազին ոչ միայն ծույլ էր, այլև զուրկ էր դիտողականությունից, նրան թվացել է, թե աղջիկ է։ Հետո խտուտիկը կորցրել էր իր ոսկյա ծաղիկները և մնացել արծաթյա մազերով։ Հարավային քամին կասկածեց Կաբիբոնկային և այնպես հառաչեց, որ խտուտիկի մազերը ցրվեցին ամբողջ պրերիայով մեկ։ Դրանից հետո, իհարկե, նրա մեղքն էր, բայց կարելի՞ էր արդյոք այդպիսի ծույլից, ինչպիսին Շավոնդազին էր, սպասել, թե նա գլուխ կցավեցնի և կթափանցի գործի էության մեջ։ Միայն հնդիկները գիտեն, որ երբ տխրություն է իջնում գյուղի վրա, Շավոնդազին է նորից տխրագին հառաչում կարոտելով իր սիրեցյալին, որը իր երևակայության ցնորքն էր միայն։
==Ծեր կնոջ մազերը==
Շատ վաղ, անհիշելի ժամանակ, հնդիկները ցորենի փոխարեն եգիպտացորեն էին օգտագործում։ Ցորենը դեռ հայտնի չէր նրանց։ հացը եգիպտացորենի ալյուրից էին թխում։ Ահա մի գեղեցիկ լեգենդ, որ պատմում է, թե ինչպես է առաջացել եգիպտացորենը։
Մի ծեր կին իր թոռնիկի հետ ճանապարհորդում էր հնդկական երկրով։ Ոչ ոք չգիտեր, թե որտեղից են նրանք, ուր են գնում, ոչ մեկը չէր հրավիրում կրակի շուրջը, չնայած խեղճ կինը թախանձում էր։ Դա այնպիսի մի ժամանակ էր, երբ բոլոր հնդիկ ցեղերը զինված թոմահավկներով, կռվում էին միմյանց դդեմ, այնպես որ ամեն անծանոթ կասկածելի էր թվում։
― Ոչինչ,― սիրտ էր տալիս ծեր կինը իր թոռնիկին,― հույս ունեմ, որ կգտնվեն բարի մարդիկ և ուշադրություն կդարձնեն մեզ վրա։
Նրանք օր ու գիշեր քայլեցին լեռներով ու տափաստաններով մինչև հասան Կոկորդիլոս ցեղի ճամբարը։ Ճամբարի բնակիչները, թեև շատ աղքատ էին, բայց բարեսիրտ էին։ Նրանք հրավիրեցին ծեր կնոջն ու տղային իրենց խարույկի շուրջը և աղքատիկ ընթրիքը կերան հյուրերի հետ միասին։ Հետո առաջնորդը՝ Կոկորդիլոսի Ատամը խոսեց պանդուխտների հետ։
― Դուք կարող եք մնալ և ապրել մեզ հետ, եթե ցանկանաք, բայց իամացեք, որ մենք շատ հաճախ ենք սովից տառապում։ Մեր որսատեղերը հարուստ չեն որսով, և դեռ ավելին, ամենալավ պատառը զոհաբերում ենք կոկորդիլոսներին, որպեսզի չկորցնենք նրանց բարեգթությունը։
― Մենք պատրաստ ենք ձեզ հետ բաժանելու դժվարությունները, ինչպիսին էլ որ լինեն,― պատասխանեց կինը,― ձեր լավության փոխարեն ես կխնամեմ երեխաներին և օգտակար կլինեմ։
Հաջորդ օրը, երբ լուսացավ, բոլոր որսորդները թողեցին ճամբարը, շատ չանցած նրանց հետևեցին նաև կանայք։ Միայն փոքրիկ երեխաները մանցին։
Նրանց երեխաները մենակ մնալու սովոր էին և ուրախությամբ ամբողջ օրը սոված խաղում էին մինչև նրանց ծնողները ուտելիք էին բերում երեկոյան։
Բայց հիմա արդեն այդպես չէր․ երեխաները խմբված ծեր կնոջ շուրջը, հավի ճտերի պես, լսում էին նրա պատմությունները։ Նա պատմում էր թե ինչու գետինը ծածկված է ոչ միայն փափուկ ու ցածր խոտով, այլև բարձրահասակ ծառերով։ Մի օր հզոր Մանիտուն ցանկանում է հարվածել բողբոջներին, որոնք թրթռում էին թեթև քամուց։ Սակայն ինչքան էլ կռացավ երկինքը, չկարողացավ ձեռը հասցնել։ Նրանք շատ էին հեռու։ Նա ցանկություն հայտնեց, որ ծառերի բները այնքան աճեն, մինչև որ հասնեն իր ձեռքի ափին։ Այդ ժամանակվանից էլ եղևնին, սոճին և թխկին բարձրացան և հասան մինչև երկինք։ Նրանց փարթամ պսակները կպան երկնքին։ Այժմ Մանիտուն կարող էր ձեռքը հասցնել և խփել պսակներին ինչքան սիրտն ուզենար։
Ծեր կինը ոչ միայն հրաշալի պատմող էր, այլև շատ լավ հասկանում էր փոքրիկներին, գիտեր թե երբ են սովածանում, երբ պետք է անհայտանալ և նորից հայտնվել մեծ կաթսան ձեռքին, որը միշտ զարմանալի բուրմունք էր տարածում։
― Ահա ձեզ եգիպտացորենի ալյուրից պատրաստած շիլա, եթե խելոք մնաք, ամեն օր կստանաք։
Ամիսներն անցնում էին իրար ետևից․ վերջին՝ Երկար գիշերվա ամիսն էլ անցավ։ Նա դեռ շարունակում էր կերակրել երեխաներին եգիպտացորենի համեղ շիլայով, բայց ինքը քանի գնում ավելի և ավելի տկարանում էր, թվում էր թե գոլորշիանում է, ինչպես շոգին կաթսայից։
Մի առավոտ այլևս չկարողացավ ելնել անկողնուց։ Նա կանչեց իր թոռնիկին և ասաց․
― Սիրելիս, ես շուտով հրաժեշտ կտամ աշխարհին, որովհետև եգիպտացորենը, որ ես ցանել էի ճամբարում արդեն արմատ է տվել և գարնանը կծլի։ Ես իմ պարտքը կատարել եմ, այժմ քո և մյուս երեխաների հերթն է խնամել և ջրել։ Այլապես հացահատիկ չի ստացվի։
Սա ծեր կնոջ վերջին խոսքերն էին։ Ամեն օր ճաշին նա իր թոռնիկին էր հանձնում կաթսայով շիլան, բայց այն օրը, երբ առաջին անգամ երևաց հասկը, նա անհետացավ և ոչ ոք այլևս չտեսավ նրան, չնայած փնտրեցին ամենուրեք։
― Մենք նրան այլևս չենք տեսնի,― ասաց Կոկորդիլոսի Ատամը,― բայց նա միշտ մեզ հետ է,― և ցույց տվեց եգիպտացորենի ցորենի հասկ, որ մենք երբեք էլ սոված չմնանք։
Այսպես փոխհատուցեց ծեր կինը հյուրընկալ ցեղին։ Այն օրվանից հնդիկները խնամում են եգիպտացորենի արտերը և երբ հացահատիկի կանաչ հասկերից սպիտակ մազեր են դուրս գալիս, ասում են, որ դրանք ծեր կնոջ սպիտակ մազերն են, որին երբեք չեն մոռանում։